Changes

Գարգանտյուան և Պանտագրյուելը

Ավելացվել է 37 362 բայտ, 18:43, 10 Նոյեմբերի 2015
/* Գլուխ XX */
Պանտագրյուելն առասպելը պատմելուց հետո լռեց, խոր մտածմունքի մեջ ընկավ և գլուխը կախեց։ Շուտով նկատեցինք, որ արցունքի կաթիլները ջայլամի ձվի մեծությամբ թափվում էին նրա աչքերից։ Թող աստված ինձ սպանի, եթե ասածներիս մեջ մի սուտ խոսք կա։
 
 
==Գլուխ XXI==
 
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելն անցնում Գաղտնածածուկ կղզու մոտով, որտեղ թագավորում էր մեծ Պասը
 
 
Երբ նավերը վերանորոգեցին և պարենի նոր պաշար վերցրին, մենք հրաժեշտ տվինք մակրեոններին և շարունակեցինք մեր ճանապարհը։ Երկինքը ջինջ էր և եղանակը հրաշալի։ Կեսօրին մոտ Քսենոմանը հորիզոնում մի մեծ կղզի նկատեց։
 
― Դա գաղտնածածուկ կղզին է, որտեղ թագավորում է Մեծ Պասը, ― ասաց Քսենոմանը։
 
― Ես կուզեի տեսնել այդ կղզին, ― ասաց Պանտագրյուելը, ― կարելի՞ է արդյոք այդ կողմում կանգ առնել։
 
― Տեր իմ, ― ասաց Քսենոմանը, ― խորհուրդ չեմ տա այդ կղզում կանգ առնել։ Նախ դրա համար մենք պետք է մեծ շրջան կատարենք, երկրորդը՝ այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա տեսնելու, իսկ Մեծ Պասը տաղտկալի ու տհաճ թագավոր է։
 
― Որ այդպես է, ― ասաց Պանտագրյուելը, ― պատմեցեք մեզ ձեր իմացածը նրա մասին։
 
― Ուրախությամբ, ― ասաց Քսենոմանը։ ― Պետք է ասեմ, որ այդ թագավորը չափազանց շատ է ուտում սիսեռ, տառեխ և մանանեխ։ Անխնա ծեծում է փոքր երեխաներին։ Մշտապես հետը ման է ածում մի ամբողջ բեռ ինդուլգենցիա։ Առավոտից մինչև երեկո երեխայի պես թնգթնգում է։ Երբեք չի գնում հարսանիք։ Ճաշին ուտում է միայն բակլա, խխունջ և կանաչ սալաթ։ Այդ է պատճառը, որ նա կմախքից էլ վատթար տեսք ունի։ Մենք նրա մասին դեռ ուրիշ բաներ էլ կիմանանք, երբ կանցնենք Մռայլ կղզու մոտով, որտեղ ապրում են Մսե Երշիկները։ Պետք է իմանաք, որ Մսե Երշիկները Մեծ Պասի ոխերիմ թշնամիներն են։ Նրանք մշտապես պատերազմում են Մեծ Պասի հետ։ Եվ եթե նրանց օգնելիս չլիներ Ուրախ Բարիկենդանը, որ նրանց հովանավորողն է ու հարևանը, այն ժամաակ այդ սրիկա Պասը բոլոր երշիկներին կկոտորեր և ոչ մեկին կենդանի չէր թողնի։
 
― Տես թե ինչ անզգամ է եղել այդ Մեծ Պասը, ― բացականչեց Ժան վարդապետը։ ― Այն էլ ո՞ւմ դեմ պատերազմել, հրաշալի Մսե Երշիկների դեմ։ Վերադառնանք, բարեկամներ, և այդ զզվելի արարածի բուրդը գզենք։
 
― Պատերազմ մղել Պասի դե՞մ, ― բացակնաչեց Պանուրգը, ― ոչ, բարեկամներ, ես այդքան էլ հիմար չեմ։ Եթե այդպիսի բան անենք, մենք կընկնենք Պասի ու Երշիկների արանքը ճիշտ այնպես, ինչպես մուրճի ու զնդանի արանքը։ Պետք չէ։ Գնանք մեր ճանապարհով։ Ընդունեցեք մեր հարգանքը, պարոն Մեծ Պաս։ Հեռանանք, հեռանանք այստեղից։
 
― Դուք շատ լավ նկարագրեցիք, թե ինչպես է Մեծ Պասն անցկացնում իր ժամանակը, ― ասաց Պանտագրյուելը Քսենոմանին, ― այժմ պատմեցեք, թե ինչպիսին է նրա արտաքին տեսքը։
 
― Դա դժվար գործ չէ, ― պատասխանեց Քսենոմանը։ ― Լսեցեք։
 
<poem>
Ծոծրակը ասես մի լապտեր,
Եղունգները՝ որպես խցանահան,
Ոտքերը՝ կիթառի նման,
Գարշապարները՝ ժայռի կտորներ,
Ծնկները՝ որպես նստարաններ։
Երբ թքում է՝ լիքը կողովներ են դուրս գալիս,
Երբ խնչում է՝ աղի օձաձկներ են դուրս գալիս,
Երբ լալիս է, ձեթով բրաձկներ են դուրս գալիս,
Երբ փռշտում է՝ մանանեխով լիքը բանկաներ,
Երբ հորանջում ՝ սիսեռապուրով լիքը կճուճներ,
Երբ խռռացնում է՝ չոր բակլայով արկղեր,
Երբ հառաչում է՝ ինդուլգենցիայի փաթեթներ,
Երբ հայհոյում է՝ մարտ ամսվա կատուներ։
</poem>
 
― Եվ ամենազարմանալին այն է, ― շարունակեց Քսենոմանը, ― որ այդ սրիկան իր կողմն է գրավել բոլոր հիմարներին, անխելքներին և բանականությունից զուրկ մարդկանց։ Բացի այդ, նրանց շնորհիվ, լույս աշխարհ են եկել անհամար տխմարներ, կեղծապաշտներ, սուտ ճգնավորներ, կեղծաբարոներ, երեսպաշտներ և ամեն տեսակի հրեշավոր և այլանդակ արարածներ։ Ո՛չ, մենք շատ լավ արինք, ― վերջացրեց իր խոսքը Քսենոմոնը, ― որ չգնացինք այդ կեղծ սրբի մոտ։ Զգուշացեք Մեծ Պասից, խեղճ մարդիկ։ Զգուշացեք, որ նրա ճանկը չընկնեք։
 
 
==Գլուխ XXII==
 
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը սպանում ծովային Վիշապ Օձին
 
 
Ուղիղ կեսօրին հորիզոնում երևաց Մռայլ կղզին։ Կղզուց ոչ հեռու Պանտագրյուելը նկատեց մի վիթխարի ծովային Օձ, որ փնչացնելով լողում էր դեպի ճանապարհորդները։ Նրա երախից բարձրանում էր ջրի բարձր սյուն։ Կարծես դա մի ահագին ջրվեժ լիներ, որ թափվում էր ժայռի գագաթից և կարող էր տակովն անել նավերը, ինչպես ընկույզի կճեպներ։
 
«Տալամեգում» հենց այդ ժամանակ հնչեցին ազդարարող փողերը։ Ազդանշանը տալուն պես նավերը տաք երկրներ թռչող կռունկների պես եռանկյունի կազմեցին։ Եռանկյունու գագաթին կանգնեց «Տալամեգը»։ Նավակազմը պատրաստվում էր կռվի։
 
Ժան վարդապետը ռմբաձիգների հետ միասին նոր էր դիրք բռնել նավի աջ կողմում, երբ Պանուրգը առաջվանից ավելի բարձր սկսեց աղաղակել․
 
― Վա՜յ, այս ինչ նոր փորձանք եկավ մեր գլխին։ Այդ հրեշը մեր նավերը դեղահաբի պես կուլ կտա։ Տեսեք, թե ինչ զարհուրելի բան է, վա՜յ մեզ, կորած ենք։
 
― Մի վախենա, ― ասաց Պանտագրյուելը, ― ես նրան հավի ճտի պես կսպանեմ։
 
― Տեր, դու փրկիր մեզ, ― ասաց Պանուրգը, ― ինչպես չվախենամ, երբ այդ հրեշը մեզ այսքան մոտ է։
 
― Ի՞նչ անենք որ մոտ է, ― ասաց Պանտագրյուելը․ ― Ժան վարդապետը երեկ գուշակել է ձեր ապագա բախտը։ Ջուրը ձեզ չի կործանի, ընդհակառակը, նա ձեզ ամեն փորձանքից կփրկի։
 
― Էհ, ինչ եք ասում, ― պատասխանում է Պանուրգը, ― իսկ եթե Ժան վարդապետը հանկարծ սխալված լինի։ Վայ ինձ, Օձը բոլորովին մոտեցել է։ Տեսե՜ք, տեսեք, Օ՜ձը։ Օ՜հ, ինչ սարսափելի, ինչ զզվելի է։ Ինչքա՜ն մարդ խեղդած կլինես, զզվելի հրեշ։ Տեսնել չեմ ուզում քեզ, զզվելի արարած։ Գրողի ծոցը գնա, չքվիր։
 
Երբ օձը լողալով մոտեցավ նավերին, սկսեց տակառներով ջուր թափել նրանց վրա։ Նետեր, նիզակներ, սրեր, բրեր ամեն կողմից հարվածում էին Օձին։ Ժան վարդապետը ջանք չէր խնայում նրան հարվածելու։ Հրետանին անընդհատ դղրդալով կրակում էր Օձի վրա։ Բայց այդ բոլորը զուր էր անցնում։ Թնդանոթի ռումբերն անհետանում էին նրա կաշվի մեջ, առանց հրեշին որևէ վնաս հասցնելու։
 
Այն ժամանակ Պանտագրյուելը վճռեց, որ հասել է ժամը, երբ ինքը պետք է ասպարեզ դուրս գա։ Նա իր հասակով մեկ ուղղվեց, կանգնեց և ցույց տվեց իր շնորհքը։
 
Ասում են, որ շրջմոլիկ Կոմոդը, հռոմեացոց կայսրը, այնպես լավ նետ էր արձակում, որ նրա արձակած նետերը անցնում էին երեխաների մատների արանքով առանց նրանց վնասելու։ Պատմում են, նույնպես, որ հնում ֆրանսիացիք շատ լավ նետաձիգներ են եղել։ Որսի գնալուց առաջ նրանք նետերի ծայրին քսում էին մի տեսակ անուշահոտ նյութ, որից սպանված անասունի միսը ավելի համեղ էր դառնում։ Լավ նետաձիգների մեծ համբավ են ունեցել նաև հին սկյութացիներ։ Մի անգամ դեսպան են ուղարկում նրանք պարսից Դարեհ թագավորի մոտ։ Դեսպանը առանց մի խոսք ասելու դնում է թագավորի առաջ մի թռչուն, մի գորտ, մի մուկ և հինգ նետ։ «Ի՞նչ է նշանակում այդ», հարցնում է Դարեհը։ Դեսպանը պատասխանում է, թե իրեն արգելված է խոսել։ Դարելը զարմանքից շվարել է, չի իմացել ինչ ասի։ Այն ժամանակ նրա զորավարներից մեկը գտնում է այդ հանելուկի միտքը։ «Սկյութացիք, ― ասում է նա, ― իրենց բերած նվերով ուզում են ասել մեզ՝ «Եթե պարսիկները թռչունների պես օդում չեն թռչում, եթե մկների պես գետնի տակ չեն թաքնվում և գորտերի պես ջրի տակ չեն սուզվում, այն ժամանակ նրանք բոլորը կկոտորվեն սկյութացիների նետերից»։
 
Ոչ ոք չէր կարող հավասարվել Պանտագրյուելին նետ արձակելու և տեգ նետելու արվեստի մեջ։ Իր ահագին տեգերով հազար քայլ հեռավորությունից նա բաց էր անում ոստրեի խեցին։ Հեռվից արձակած նետով առանց ճրագը հանգցնելու կտրում էր պատրույգի այրուքը։ Հեռվից մեկը մյուսի ետևից արձակած նետերով շրջում էր Ժան վարդապետի աղոթագրքի էջերը, և այդ անում էր այնպիսի ճարպկությամբ, որ մի մազաչափ անգամ չէր փչացնում թուղթը։
 
Այժմ էլ Պանտագրյուելի շեշտակի նետած տեգը ծակեց Օձի երկու ծնոտն ու լեզուն։ Տեգը խրված մնաց ծնոտների մեջ, և Օձն այլևս անկարող եղավ բերանը բանալ, որպեսզի ջուր ցայտի։
 
Այնուհետև Պանտագրյուելը երկու տեգերի դիպուկ հարվածով հանեց հրեշի աչքերը։ Եվ բոլորը տեսան, թե ինչպես այդ երեք եղջյուրանի Օձը, կուրացած ու կիսակենդան, գալարվում էր ծովի մեջ։ Հրեշին վերջնականապես սպանելու համար Պանտագրյուելը դարձնալ հիսուն նետ արձակեց Օձի վրա, և բոլոր նետերը խրվեցին նրա մեջ։ Սատկող Օձը շուռ եկավ մեջքի վրա և, ինչպես մի հսկայական օձասար, լողաց հոսանքի ուղղությամբ։
 
 
==Գլուխ XXIII==
 
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը իջնում Մռայլ կղզին՝ Մսե Երշիկների նախկին բնակատեղին
 
 
«Տալամեգի» թիավարները սպանված օձին ափ դուրս բերին։ Նրանք որոշել էին սպանված հրեշին մաս֊մաս կտրատել՝ երիկամունքի յուղը հանելու համար։ Ափ իջավ նաև Պանտագրյուելը։ Այստեղ մի մեծ ու գեղեցիկ անտառի եզրին, որտեղ հոսում էր մի վճիտ գետակ, մենք օջախներ վառեցինք, ճաշ պատրաստելու համար։ Երբ կերակուրը պատրաստ էր, Ժան վարդապետը զանգը խփեց։ Նավաստիներն իսկույն սեղանները շարեցին և ճաշասարքը շարեցին սեղանների վրա։ Ճաշին Պանտագրյուելը նկատեց, թե ինչպես մի քանի փոքրիկ կենդանիներ առանց ձայն հանելու վազեցին անտառի եզրով և բարձրացան ամենաբարձր ծառերը։
 
― Այդ ի՞նչ կենդանիներ են, ― հարցրեց նա Քսենոմանին։ ― Հեռվից նրանք կարծես կնգուղ կամ կղաքիս լինեն։
 
― Դրանք Մսե Երշիկներ են, ― պատասխանեց Քսենոմոնը։ ― Մենք Մռայլ կղզում ենք, որի մասին ես ձեզ ասել եմ։ Այստեղ են բնակվում Մսե Երշիկները, որոնք մահացու պատերազմ են մղում Մեծ Պասի դեմ։ Այժմ, հավանորեն, նրանք վախեցել են մեր թնդանոթաձգությունից և ծովափ են ուղարկել իրենց հետախույզներին։
 
― Բայց չի՞ կարելի արդյոք, նրանց հաշտեցնել, ― հարցրեց Պանտագրյուելը։ ― Ես ուրախությամբ կզբաղվեի այդ հարցով, որպեսզի վերջ տամ արյունահեղությանը։
 
― Այդ անկարելի բան է։ Չորս տարի սրանից առաջ ես այս կողմերում էի և փորձեցի նրանց հաշտեցնել։ Գործն սկզբում հաջող գնաց։ Կազմեցին խաղաղության դաշնագիրը։ Մնում էր միայն ստորագրել դաշնագիրը։ Բայց հենց այդ ժամանակ Մեծ Պասը համառեց։ Նա համաձայն էր հաշտվելու Մսե երշիկների հետ, բայց չէր ուզում ճանաչել Վայրի Երշիկներին և Լեռնային Նրբերշիկներին։ Իսկ պետք է ասել, որ Վայրի Երշիկները և Լեռնային Նրբերշիկները Մսե Երշիկների լավագույն դաշնակիցներն են։ Եվ այդպիսով ոչինչ դուրս չեկավ։ Ճիշտ է, թշնամիները կարծես մի քիչ մեղմացան, բայց երբ Երշիկներն իրենց ժողովում Պասը պիղծ հայտարարեցին և Պասի բոլոր դաշնակիցներին վճռեցին իրենց երկրից դուրս վռնդել, այն ժամանակ Մեծ Պասը սաստիկ կատաղեց, և թշնամությունը նրանց միջև ավելի բորբոքվեց։ Ոչ, այժմ ոչինչ չի կարելի անել։ Ավելի հեշտ է կատվին մկների հետ հաշտեցնել, քան Պասը Մսի երշիկների հետ։
 
Այդ ժամանակ Ժան վարդապետը նկատեց, որ քսանհինգ կամ երեսուն երիտասարդ ու բարեկազմ Երշիկներ նավահանգստի կողմից գնում են դեպի քաղաք։
 
― Հանկարծ որևէ թյուրիմացություն չծագի, ― ասաց Ժան վարդապետը Պանտագրյուելին։ ― Այդ պատվարժան Երշիկները, ով գիտի, կարող են ձեզ դնել Պասի տեղ, թեև դուք մի մազաչափ անգամ նման չեք նրան։ Բավական է, որքան քեֆ արինք, պատրաստվենք պաշտպանվելու։
 
― Այո, լավ կլինի պատրաստվենք, ― ասաց Քսենոմոնը։ ― Երշիկները շատ նենգամիտ մարդիկ են, և երբեք չի կարելի իմանալ, թե մտքներում ինչ կա։
 
Պանտագրյուելը վեր կացավ տեղից և գնաց տեսնելու, ինչ է կատարվում անտառում։ Շուտով նա վերադարձավ և մեզ ասաց, որ դարանի է հանդիպել։ Դարանակալները նստած էին եղել անտառում, մեր ճամբարից դեպի ձախ, և բոլորն էլ մեծ֊մեծ և յուղալի Երշիկներ են եղել։ Աջ կողմից, կես վերստ հեռու մեր ճամբարից, փողերի, պարկապզուկների ու թմբուկների նվագակցությամբ դեպի մեզ էր գալիս Երշիկների մի ամբողջ գումարտակ։ Պանտագրյուելը հաշվեց տեսավ, որ գումարտակում յոթանասունութ դրոշակ կար, և դրանից եզրակացրեց, որ քառասուն հազարից ոչ պակաս մարդիկ կան։ Նրանց հպարտ քայլվածքից ու առնական կերպարանքից երևում էր, որ եկողները փորձված ու կոփված ռազմիկներ են։ Առաջին շարքերը ոտքից մինչև գլուխ զինված էին և ձեռքներում բռնել էին երկար ու սրածայր տեգեր։ Զորքի երկու կողմից գնում էին Վայրի Երշիկների, հաստլիկ Պաշտետների և Լեռնային Նրբերշիկների ամբոխներ։ Դրանք բոլորը բարձրահասակ, ռազմասեր ու վայրագ կղզիաբնակներ էին։
 
Պանտագրյուելը սաստիկ անհանգստացավ և զինվորական խորհուրդ հրավիրեց։ Խորհուրդը որոշեց մարտի պատրաստ լինել։
 
Պանտագրյուելը հրամայեց «Գինու Թաս» և «Խաղողի Զամբյուղ» նավերից զորք դուրս բերել կղզի։ «Գինու թասի հրամանատարն էր այդ ժամանակ կապիտան Փոր Թափողը, իսկ «Խաղողի Զամբյուղի» հրամանատարն էր կապիտան Երշիկագործ կրտսերը։
 
― Թողեք ես գնամ զինվորներին կանչեմ, ― առաջարկեց Պանուրգը, ― Գիմնաստը ամեն րոպե կարող է ձեզ պետք գալ։
 
― Երդվում եմ իմ մահակով, ― ասաց Ժան վարդապետը, ― դու ուզում ես կռվից գլուխդ ազատել, խաբեբա։ Ասենք, շատ էլ մեծ բան չէինք կորցնի, պետք է միայն լաց լինես ու գլխիդ վայ տաս, մեր զահլեն տանես։
 
― Ոչ, ոչ, անպատճառ կվերադառնամ, ― պատասխանեց Պանուրգը, ― միայն հրամայեցեք, որ այդ զզվելի Երշիկները չմտնեն մեր նավերը։ Այն ժամանակ, երբ դուք պատերազմելիս լինեք, ես կաղաչեմ աստծուն, որ նա ձեզ հաղթություն տա։
 
― Գրողի ծոցը, կորիր, վախկոտ, ― ասաց Էպիտեմոնը։ ― Մենք, իհարկե, մեզ կպաշտպանենք, եթե Երշիկները հարձակվեն մեզ վրա։ Զուր չի, որ մեր քաջարի կապիտաններին կոչում են Փոր Թափող և Երշիկագործ։ Նրանք Երշիկների հախից կգան։
 
Շուտով եկան կապիտաններն իրենց ջոկատներով։ Պանտագրյուելը մի կարճ ճառ ասաց զորքին։ Նա կապիտաններին ասաց, որ իրենք առաջինը չհարձակվեն։ Զինվորները նույնպես այն ժամանակ պիտի կռվեն, եթե Երշիկները առաջինը հարձակվեն նրանց վրա։ Նշանաբանը պիտի լինի «Բարիկենդան»։
 
 
==Գլուխ XXIV==
 
Այն մասին, թե ինչպես էին Պանտագրյուելի խոհարարները կռվում Մսե Երշիկների հետ
 
 
Ինչո՞ւ եք ատամ կռճտացնում, դատարկապորտներ, երբ կարդում եք իմ այս ճշգրիտ պատմությունը։ Գուցե չե՞ք հավատում, որ ամեն ինչ պատահել է հենց այնպես, ինչպես ես պատմում եմ։ Այդ, իհարկե, ձեր գործն է։ Ուզում եք հավատացեք, չեք ուզում, գնացեք ինքներդ նայեցեք։ Այդ բոլորը կատարվել է Մռայլ կղզում։ Տեսնում եք, ես չեմ թաքցնում, թե որտեղ է կատարվել այդ բոլորը։ Իսկ որ Երշիկներն ապրում են այնտեղ, դրա մասին ոչ մի կասկած լինել չի կարող։
 
Լավ հիշեցեք, թե ինչ է ասված սուրբ գրքում։ Հիշո՞ւմ եք արդյոք, թե ինչպես է օձը գայթակղել Եվային, որ ուտի արգելված խնձորը։ Իսկ գիտե՞ք արյդոք, որ այդ օձը նման է եղել Երշիկի։ Դեռ դա բավական չի, մի քանի հոգևոր ճեմարաններում մինչև օրս էլ սովորեցնում են, որ այդ օձը իսկական երշիկ է եղել և նրան անվանել են Շտիֆալ։
 
Կամ օրինակի համար ասենք, զվիցերացիք։ Նրանք այժմ կռվող ու համարձակ ժողովուրդ են։<ref>XVI դարում զվիցերական (շվեյցարական) հետևակ զորքը համարվում էր լավագույնը Եվրոպայում և ծառայում էր եվրոպական բանակներում որպես վարձու զորք։ Զվիցերացիներին վարձում էին նաև որպես արքունիքի պահապաններ (Հռոմի պապի պալատի պահակախումբը մինչև այսօր էլ կազմված է զվիցերացիներից)։ Սրանից է առաջացել ռուսերեն «շվեյցար» բառը, որ նշանակում է տան պահապան։</ref> Բայց ո՞վ գիտի, գուցե նրանք էլ են մի ժամանակ Երշիկներ եղել։ Երաշխավորել չեմ կարող։
 
Եթե, հարգելի պարոններ, այս բոլոր ասածներս ձեզ չեն համոզում, չէ՞իք բարեհաճի արդյոք գնալ որևէ ծովափնյա գյուղ և տեղեկանալ այնտեղ, ինչպիսին են լինում հուշկապարիկները։ Ասում են, որ հին ժամանակներում, ձկնորսները հաճախ էին նրանց բռնում ուռկանով։ Եվ այդ հուշկապարիկները կիսով չափ կանայք էին, կիսով չափ՝ Երշիկ։ Այդ բոլորին հայտնի է։ Զուր տեղը ատամ մի կրճտացրեք և հավատացեք, որ այս գրքում հնարովի ոչ մի խոսք չկա։
 
Բայց շարունակենք մեր պատմությունը։
 
Երբ Ժան վարդապետը տեսավ Երշիկների հարձակումը, ասաց՝
 
― Օհո՜, տեսնում եմ, որ թունդ կռիվ է լինելու։ Ավելի լավ կլինի, բարեկամներ, որ դուք վերադառնաք նավերը։ Ես իմ մարդկանցով այդ զորքի հախիցը կգամ։
 
― Բայց դուք ի՞նչ մարդիկ ունեք, ― հարցրեց Պանտագրյուելը։
 
― Լավ հիշեցեք, ― ասաց Ժան վարդապետը։ ― Հիշո՞ւմ եք, երբ Նաբուգոդոնոսոր թագավորը պաշարել էր Երուսաղեմը, նա զորքին հրամանատար էր կարգել իր խոհարար Նաբուզարդանին։
 
― Լավ, հետո ի՞նչ, ― հարցրեց Պանտագրյուելը։
 
― Այն, որ ինձ էլ այնպես է թվում, ― ասաց Ժան վարդապետը, որ մեր խոհարարները մեզանից ավելի լավ կանեն այդ Երշիկների դատաստանը։ Չէ՞ որ նրանք առաջ էլ զբաղվելիս են եղել այդպիսի գործով։ Աստված վկա, ես իմ հրամանատարության տակ եմ առնում մեր բոլոր խոհարարներին։
 
Վարվեցեք, ինչպես գիտեք, ― ասաց Պանտագրյուելը, ― ինձ դուր է գալիս ձեր միտքը։ Ես կմնամ այստեղ և կդիտեմ, թե ինչով կվերջանա ձեր խոհարարային ճակատամարտը։
 
Ժան վարդապետն անմիջապես գնաց դեպի շարժական խոհանոցները։
 
― Տղերք, ― ասաց նա խոհարարներին, ― ես ուզում եմ անջնջելի փառքով պսակել ձեր ճակատը։ Այսօր դուք չտեսնված սխրագործություններ պիտի կատարեք։ Կեցցեն խոհանոցային հերոսները։ Գնանք պատերազմելու։ Գնանք պատերազմելու այդ անիծված Երշիկների դեմ։ Ես կլինեմ ձեր կապիտանը։ Խմենք, բարեկամներ, աստված միշտ համարձակների հետ է լինում։
 
― Կապիտան, ― պատասխանեցին խոհարարները, ― մեզ հաճելի է լսել ձեր խոսքերը։ Պատրաստ ենք ծառայելու ձեզ։ Ձեր հրամանատարությամբ մեռնելն էլ սարսափելի չէ։
 
― Ինչո՞ւ մեռնել, ― ասաց Ժան վարդապետը, ― թող մեռնեն Երշիկները, և ոչ մենք։ Ուրեմն, ռազմաշարքեր կազմեցեք։ Մեր նշանաբանը կլինի՝ «Նաբուզարդան»։
 
Ժան վարդապետի կարգադրությամբ ինժեներները գերաններից մի ահագին խոզ շինեցին։ Դա մի զարմանալի ռազմական մեքենա էր, որը կարողանում էր ահագին քարեր և մեծ պողպատե նետեր արձակել թշնամիների վրա։ Խոզի ներսում հեշտությամբ տեղավորվում էին երկու հարյուր զինվոր։
 
Երբ խոզը պատրաստ էր, նրան դուրս բերեցին արձակ դաշտ։ Այնուհետև խոզի մեջ մտան բոլոր խոհարարները։ Ամենավերջինը մտավ ինքը Ժան վարդապետը և դուռը ներսից երկաթե փականով պինդ փակեց։
 
Իսկ Երշիկները հա մոտենում ու մոտենում էին։ Վերջապես նրանք այնքան մոտեցան, որ պարզ երևում էր, թե ինչպես են ճոճում իրենց նիզակները։
 
Նրանց դեմ գնաց Գիմնաստը։ Նա հեռվից գլուխ տվեց Երշիկներին և որքան ուժ ուներ գոռաց․
 
― Կանգնեցե՜ք։ Մենք բոլորս էլ ձեր լավ բարեկամներն ենք։ Մենք ձեր դաշնակից Բարիկենդանի հետ խոսքներս մեկ ենք արել։
 
Այդ խոսքերը լսելուն պես Գիմնաստի վրա հարձակվեց մի հաստ Լյարդերշիկ և կամեցավ բռնել նրա կոկորդից։
 
― Ախ, այդպես հա՞, ― ասաց Գիմնաստը, մերկացրեց իր սուրը և Երշիկին երկու կտոր արեց։ Պետք էր տեսնել, թե նա որքան էր յուղալի։ Կհավատաք եթե ասեմ, որ նրա փորի վրա չորս մատ հաստությամբ ճարպ կար։
 
Մսե Երշիկները հարձակվեցին Գիմնաստի վրա և գետին գլորեցին նրան։ Նրան օգնության հասավ Պանտագրյուելն իր իր զինվորներով։ Բոլորն իրար խառնվեցին։ Փոր Թափողը կոտորում էր Երշիկներին։ Կրտսեր Երշիկագործը կոտորում էր Նրբերշիկներին։ Պանտագրյուելը ներքևից կտրում էր նրանց ծնկները։ Իսկ Ժան վարդապեը խոզի ներսում թաքնված հանգիստ դիտում էր արյունահեղ կոտորածը։
 
Հանկարծ մի սարսափելի աղմուկ լսվեց։ Այդ դարան մտած Նրբերշիկների ջոկատն էր, որ անակնակալ հարձակում գործեց Պանտագրյուելի վրա։ Այդ ժամանակ Ժան վարդապետն էլ դուռը բաց արեց և խոզի մեջից դուրս եկավ իր խմբով։ Օդի մեջ երևացին տապակներ, թավաներ, շերեփներ, ունելիներ, կճուճներ, հավանգներ, կրակքաշներ ու կրակխառնիչներ։ Խոհարարները շարքեր կազմեցին և գրոհեցին Նրբերշիկների վրա, կոկորդներում որքան ուժ կար աղաղակելով․
 
― Նաբուզարդա՜ն, Նաբուզարդա՜ն։
 
Նրբերշիկների ջոկատում խուճապ առաջացավ։ Երբ Երշիկները նկատեցին, որ թշնամիներն օգնական ուժեր ստացան, այնպես փախուստի դիմեցին, կարծես նրանց ետևից սատանաներ էին վազում։ Ժան վարդապետը նրանց այնպես էր մորթոտում, ինչպես հավի ճուտերի։ Խոհարարները նույնպես նրանից ետ չէին մնում։ Մարդու մեղք էր գալիս, երբ տեսնում էր, որ ամբողջ դաշտը ծածկված է մեռած Երշիկներով։ Այդ օրն անշուշտ Երշիկների ամբողջ ցեղը կոչնչանար, եթե ինքը ճակատագիրը օգնության չհասներ ու չխնայեր նրանց։ Ուզում եք հավատացեք, չեք ուզում միք հավատա, բայց հենց այդ ժամանակ հյուսիսից թռավ եկավ մի ահագին թևավոր վարազ։ Նրա թևերը նման էին հողմաղացի թևերի, բուրդը վառ կարմիր էր, ինչպես կարմրաթևիկ թռչունի գույնը, ականջները՝ կանաչ, ինչպես զմրուխտ, ատամները դեղին, ինչպես տպազիոն, ոտքերը՝ թափանցիկ, ինչպես ադամանդ, և այնպես գեղեցիկ, ինչպես սագի թաթերը։
 
Եվ թեպետ բոլորովին պարզ եղանակ էր, բայց այդ ժամանակ այնպիսի մի որոտ սկսվեց, որ բոլոր զինվորները ահուդողի մեջ ընկան։ Ինչ վերաբերում է Երշիկներին, նրանք բոլորը զենքերը վայր դրին և հրեշի առաջ ծունկ չոքեցին։ Նրանք ոչ մի խոսք չէին արտասանում, այլ միայն ձեռքները մեկնում էին դեպի հրեշը, ինչպես անում են աղոթելիս։
 
Ժան վարժապետը շարունակում էր կոտորել Երշիկներին և շամփուրի վրա քաշել։ Այդ ժամանակ Պանտագրյուելը հրամայեց փողեր հնչեցնել և ավարտի նշան տալ։ Երբ փողերը հնչեցին, կռիվը վերջացավ։
 
Իսկ հրեշը մի քանի անգամ թռավ ռազմադաշտի վրայով և ցած նետեց քսանյոթ տակառ մանանեխ։ Դրանից հետո նա վեր բարձրացավ և անտեսանելի դարձավ անընդհատ գոչելով՝
 
― Բարիկենդա՜ն, բարիկենդա՜ն, բարիկենդա՜ն։
 
 
 
==Գլուխ XXV==
 
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը բանակցություններ վարում Երշիկների թագուհու հետ
 
 
Հրեշը թռավ գնաց և այլևս չերևաց։ Երկու բանակները լուռ կանգնած էին դեմ առ դեմ և չգիտեին ինչ անեն։ Այն ժամանակ Պանտագրյուելը ցանկացավ բանակցություններ սկսել Երշիկների թագուհու հետ, որ դրոշակների մոտ նստած էր իր կառքում։
 
Թագուհին դուրս եկավ կառքից, սիրալիր բարևեց Պանտագրյուելին, ներողություն խնդրեց նրանից։ Պարզվում էր, որ հետախույզները նրան ասել էին, որպես թե Մսե Երշիկների դարավոր թշնամի Մեծ Պասը մտել է կղզին, և դա է եղել պատճառը, որ Երշիկները հարձակվել են Պանտագրյուելի վրա։ Թագուհին վերջացրեց իր խոսքը խնդրելով, որ Պանտագրյուելն իրենց ընդունի որպես հպատակ։ Ի նշան իր բարեկամության նա խոստացավ յուրաքանչյուր տարի Պանտագրյուելին ուղարկել յոթանասուն հազար արքայական Մեծ Երշիկ՝ ճաշից առաջ ուտելու համար։
 
Թագուհին կատարեց իր խոստումը և հենց հետևյալ օրը Գարգանտյուային վեց նավ արքայական Մսե Երշիկներ ուղարկեց։ Գարգանտյուան իր կողմից այդ նվերն ուղարկեց Փարիզի թագավորին։ Բայց հայտնի չէ, թե ինչու (գուցե կլիմայի փոփոխության, կամ մանանեխի պակասության պատճառով) համարյա բոլոր Երշիկները մեռան նախքան կարժանանային մատուցված լինելու թագավորական սեղանին։ Թագավորի հրամանի համաձայն նրանց բոլորին թաղեցին Փարիզի այն մասում, որ մինչև օրս էլ կոչվում է «Երշիկների պողոտա»։<ref>«Երշիկների պողոտա» անունով փողոց իսկապես եղել է Փարիզում մինչև 1676 թվականը։</ref>
 
Պանտագրյուելը քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեց թագուհուն, ներեց իրեն հասցրած բոլոր վիրավորանքները և նրան մի փոքրիկ սադափե դանակ նվիրեց։ Հետո նա հարցուփորձ արեց թագուհուն հրեշի մասին, թե որտեղից նա հայտնվեց և ինչու ցած նետեց մանանեխով լիքը տակառները։ Թագուհին պատասխանեց, որ Երշիկների ամբողջ ցեղի հիմնադիրն ու նախահայրը Մեծ Վարազն է։ Ինչպես հայտնի է, Երշիկը շինում են խոզի մսից, այդ պատճառով էլ վարազը նրանց նախահայրն է համարվում։ Ինչ վերաբերում է մանանեխին, նա ամենալավ դեղն է վիրավոր Երշիկների համար։ Վիրավոր Երշիկները մանանեխից անմիջապես առողջանում են, իսկ մեռածները հարություն առնում։
 
Այնուհետև Պանտագրյուելը հրաժեշտ տվեց թագուհուն և վերադարձավ իր նավը։ Փայտե խոզը նույնպես դրին տախտակամածի վրա։ Եվ ահա ամբողջ նավատորմը դանդաղ հեռանում էր ափերից և գնում նորանոր արկածների հանդիպելու։
Ադմին, Վստահելի
1876
edits