«Կետ֊մայրիկն ու Կետ֊դստրիկը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կետ֊մայրիկն ու Կետ֊դստրիկը |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Ս...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 14:32, 24 Նոյեմբերի 2015-ի դրությամբ

Կետ֊մայրիկն ու Կետ֊դստրիկը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Աշխարհում մի Մատիտ էր ապրում։ Նա շատ էր սիրում նկարել զանազան գծիկներ, օղակներ ու շրջանակներ։ Բայց մի անգամ այսպես որոշեց․

— Այսուհետեւ նկարելու եմ միայն կետեր։

Եվ նկարեց մի մեծ, կրկնակի կետ, հետո մի փոքրիկ կետ։

— Դու կլինես Կետ֊մայրիկը,— ասաց նա կրկնակի կետին։— Իսկ դու՝ Կետ֊դստրիկը,— ասաց նա փոքրիկին։

Սկզբում կետերը շատ գոհ էին։

— Լավ բան է կետ լինելը,— ասում էին նրանք։— Ավելի լավ, քան գծիկ կամ օղակ։

— Խնդրում եմ, ավելորդ բաներ չխոսեք,— ասաց նրանց հարեւանուհի օղակը։— Սրանց տեսեք… Եվ, ընդհանրապես, հանգիստ նստեք ձեր տեղն ու այլեւս ծպտուն չհանեք։

Նրանք հանգիստ նստեցին ու ծպտուն չհանեցին։ Բայց հետո Կետ֊մայրիկն ասաց․

— Գուցե մի խաղ խաղանք։

— Մի՞թե կարելի է, որ դու խաղաս,— զարմացավ Կետ֊դստրիկը։— Չէ՞ որ դու մեծ ես։ Ես որ խաղամ՝ ոչինչ, որովհետեւ փոքրիկ եմ։ Իսկ դու պետք է աշխատես ու միայն լուրջ գործերով զբաղվես։

— Իսկ ես չեմ ուզում,— ասաց Կետ֊մայրիկը։— Խաղալը ավելի հաճելի զբաղմունք է։

— Չէ՜… Չեղավ,— ասաց Մատիտը եւ մեծ կետի շուրջը մի Շրջան գծեց, որպեսզի նա հանկարծ չփախչի։

Կետ֊մայրիկը շատ բարկացավ։

«Ինչպե՞ս դուրս գամ այս Շրջանից,— մտածեց նա։— Գուցե լաց լինեմ։ Իսկ հետո էլ արցունքի ծովով լողամ֊դուրս գամ Շրջանից»։

Եվ նա փորձեց լաց լինել, բայց մի կաթիլ արցունք անգամ չկարողացավ քամել աչքերից։

— Արցունքը քեզ չի օգնի,— ասաց Շրջանը։— Ծծան թուղթն անմիջապես կչորացնի։

«Գուցե բարեկամաբար լեզո՞ւ գտնեմ Շրջանի հետ,— մտածեց կետը։— Հանկարծ ու ինձ դուրս կթողնի։ Սկզբում կբարեւեմ, իսկ հետո կասեմ․ «Բարի լույս, սիրելի Շրջան։ Ինչպե՞ս են փոքրիկ աղեղները։ Ողջ֊առո՞ղջ եք ձեր ընտանեկան շրջանում։ Իսկ ինչպե՞ս է Բեւեռային Շրջանը, արդեն ապաքինվե՞լ է»։ Բայց հազիվ թե որեւէ բան հաջողվի»։

Իսկ այդ ժամանակ Մատիտը հանկարծ վճռեց․

«Եկ մի պատմվածք գրեմ»։

Ու սկսեց գրել։

Փոքր կետին նա ասաց․

— Խնդրում եմ, բարձրացիր Ի տառի վրա։

Դուք, իհարկե, գիտեք, որ անգլերենում Ի տառը գրվում է կետով, այսպես՝ i։

Մատիտը գրեց ı տառը, իսկ կետը թռավ տառի վրա ու ստացվեց՝ i։

— Հիանալի է,— ասաց Մատիտն ու շարունակեց գրել իր պատմվածքը։ Գրեց մինչեւ վերջ, մնում էր միայն վերջակետը դնել, բայց հենց այդ պահին Մատիտի ծայրը կոտրվեց։ Նա շատ վշտացավ։

— Մի հուզվիր,— ասաց ռետինը։— Ես Շրջանի մի մասը կջնջեմ, որպեսզի կրկնակի կետը կարողանա դուրս գալ ու կանգնել քո պատմվածքի վերջում։

— Հիանալի միտք է,— ուրախացավ Մատիտը։— Քեզնից շատ շնորհակալ եմ, թանկագին Ռետին։

Եվ Ռետինը ջնջեց շրջանի մի մասը, կրկնակի կետը դուրս եկավ ու կանգնեց պատմվածքի վերջում, որ գրել էր Մատիտը։

Այս էր ամբողջ պատմությունը… Վերջակետ։