«Կաթնավաճառի ձին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Կաթնավաճառի ձին |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղբ...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 18:47, 24 Նոյեմբերի 2015-ի դրությամբ

Կաթնավաճառի ձին

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Կար֊չկար՝ աշխարհում մի շատ խելացի ձի կար։ Անունն էլ՝ Թերրի։ Նա գրել էր սովորել, եւ իր տիրոջը՝ կաթնավաճառին, մի անգամ այսպիսի երկտող գրեց․



Թանգակին իմ տեր,
Մի չրխկացրու այդքան ուժեղ
Կաթի շշերը
Ես դեռ քնած եմ եւ կզարթնեմ ուշ
Հարգանքներով
Քո Թերրի

Ու երկտողը ցույց տվեց մյուս ձիերին։

— Հըմ,— ասացին նրանք։— Իսկ ի՞նչ է նշանակում «թանգակին»։ Եթե ուզել ես «թանկագին» ասել, հապա ինչո՞ւ ես «գ»֊ի եւ «կ»֊ի տեղերը փոխել։

«Ա՜յ քեզ բան,— մտածեց Թերրին եւ յուրովի կրկնեց․— թանկագին֊առվագին, թանգակին֊առվակին, կրակին֊ճրագին»… Իսկ բարձրաձայն ասաց․

— Բայց դուք հո գրել չգիտե՞ք։

Ու ոչ ոք չկարողացավ նրան առարկել։

— Կարծես մեծ բան է ուղղագրական մի սխալը։ Աշխարհը դրանից հո չի՞ շրջվի,— ավելացրեց նա։

Այդ օրը Թերրիի տրամադրությունը ընկած էր, որովհետեւ քիթն էր ջարդել։ Երբ նա գրել էր սովորում, գրիչը բռնում էր առջեւի սմբակներով եւ այդ պատճառով քիթը շարունակ առնում էր գետնին։

Ընդհանրապես ետեւի ոտքերի վրա նա երկար կանգնել չէր կարողանում եւ բավական էր մի փոքր շարժվել, ու անմիջապես՝ թըրըխկ, դնչի վրա ընկնում էր ցած։

Կամաց֊կամաց նա սովորեց պահպանել հավասարակշռությունը, գրչածայրով հենվելով թղթին։ Ճիշտ է, հիմա էլ գրչածայրն էր մերթ֊մերթ կոտրվում, ու եթե չէր էլ կոտրվում, ապա սկսում էր սոսկալի կերպով թուղթը ճանկռոտել։

Վերջապես, Թերրին սկսեց գրիչը ատամներով բռնած գրել սովորել։

Բայց քիթը դեռ չէր ապաքինվել։

Հետեւյալ առավոտ, ինչպես միշտ, կաթնավաճառը եկավ ու առաջին հերթին կարդաց երկտողը, հետո մի ժամ շարունակ ջանում էր չշրխկացնել շշերը։ Նա սկսեց շրխկացնել, երբ Թերրին արդեն արթնացավ։ Սովորաբար այնպես է ընդունված, որ կաթնավաճառները անպայման պետք է շրխկացնեն շշերը։

— Ինչպե՞ս է քթիդ վիճակը,— հարցրեց նա Թերրիին։— Ոնց որ թե լավ է, հա՞։

Նա քնքշորեն շոյեց Թերրիին ու մի խնձոր տվեց։

Երեկոյան մսուրքի մոտ հանգստանալիս, Թերրին մի բանաստեղծություն գրեց․

Ձոն՛ իմ լավագույն Բարեկամին (Կաթնավաճառին)


Ձիերը լավ գիտեն
Թե ինչքան քաղցր են
Խնդորնձերը
Խնձոր ուտելով նրանք գիրանում են
Այսինքն֊ոչ,
Ավելի ճիշտ՝
Խնձոր ուտելով նրանք՝ Գ Ի Ր Ե Ն Ո Ւ Մ ԵՆ
Լավ մարդիկ այդ մասին միշտ ԳԻՏԵՆՈՒՄ ԵՆ

Իսկ հիմա մնաս բարով։

✻✻✻ (համբուրում եմ երեք անգամ)

Եվ բանաստեղծությունը մտցրեց կաթնաշշի վզիկի մեջ։ Հետեւյալ օրը առավոտյան կաթնավաճառը եկավ ու Թերրիին շաքար տվեց։

Հինգ խոշոր կտոր, մեկը՝ միջակ ու երկուսը՝ փոքրիկ։

Շաքարը ափին դրած պարզեց Թերրիին ու ասաց․

— Միայն թե շատ բարձր մի խրթխրթացրում, հանկարծ մյուս ձիերը կարթնանան։

Ու մինչ Թերրին ցածրաձայն խրթխրթացնում էր, կաթնավաճառը կարդաց նրա բանաստեղծությունը։

— Հիանալի բանաստեղծություն ,— ասաց նա։— Ու շնորհակալ եմ երեք համբույրի համար։ Ես պարտքի տակ չեմ մնա։

Նա երեք անգամ համբուրեց Թերրիին ու միասին գնացին կաթ բաժանելու հաճախորդներին։