«Ամուրն ու սոխակը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ամուրն ու սոխակը |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան |աղ...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 19:40, 24 Նոյեմբերի 2015-ի դրությամբ

Ամուրն ու սոխակը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Օրերից մի օր թռավ՝ Լոնդոն եկավ մի սոխակ։ Նստեց Փիքադիլլիի հրապարակի կենտրոնում գտնվող շատրվանի եզրին ու սկսեց երգ ասել նետ ու աղեղով, մեջքին էլ թեւեր ունեցող փոքրիկ տղայի՝ Ամուրի մասին, որը կանգնած էր շատրվանի կենտրոնում։

Ամառային մութ գիշեր էր, ու սոխակն էլ երգում էր քաղաքից դուրս գտնվող ծառերի ու ծաղիկների մասին, ծովի ու փրփրաբաշ կապույտ ալիքների մասին, որոնք գալիս փռվում էին արեւախանձ ավազուտ ափին, երեխաների մասին, որոնք խաղում են, ավազե ամրոցներ են սարքում, օդապարուկներ են բաց թողնում, անուշեղեն են ուտում եւ նավակով զբոսնում են ծովում։

— Հավանաբար, այդ ամենը շատ հաճելի են,— ասաց Ամուրը։— Իսկ այստեղ միայն ավտոբուսներ են ու տաքսիներ, մեքենաներ ու մարդիկ, որոնք միշտ վազում են աշխատանքի կամ գնումներ անելու։ Որքան կուզենայի, որ այստեղ էլ ծով լիներ։

Ամուրը հառաչեց ու նրա այտով արցունքի մի կաթիլ գլորվեց ցած։

— Սիրելի սոխակ, խնդրիր ծովին, որ գոնե մեկ օրով գա այստեղ։

— Լավ, կխնդրեմ,— ասաց սոխակն ու թռավ֊գնաց։

Հաջորդ օրը, երեկոյան, հենց որ երկնքում սկսեցին վառվել աստղերը, սոխակը արդեն ծովափին էր, ու մի կոճղի վրա նստած՝ երգում էր այն տղայի մասին, որը մեն֊մենակ կանգնած էր հեռավոր Լոնդոնի շատրվաններից մեկի կենտրոնում։

Քամին այդ երգը տարավ դեպի ծով, ու ալիքներն էլ լսեցին սոխակին։ Իսկ սոխակը երգեց այնքան ժամանակ, մինչեւ որ լույսը բացվեց։ Արեւածագին նա թռավ֊հեռացավ ավազուտ ափից։

Մի անգամ էլ, երբ լոնդոնցիները փողոց դուրս եկան, որպեսզի վազեն աշխատանքի, չճանաչեցին իրենց քաղաքը։ Փիքադիլլիի հրապարակը լցված էր իսկական մի ծովով, եւ այդ ծովի ալիքները տարածվում էին Ռիջենթ֊սթրիթի ու Շեֆթոբերի֊ավենյուի ավազուտ ափերին։ Արեւը պայծառ լուսավորում էր։ Իսկ ավտոբուսների, տաքսիների ու մեքենաների փոխարեն փողոցներում լողում էին նավակները։

Մարդիկ հանեցին իրենց գլխարկներն ու հագուստները եւ լողազգեստներ հագան, երեխաները՝ դույլեր ու թիակներ վերցրած, նստոտեցին ավազուտ ափին՝ խաղալու։ Իսկ ոմանք էլ տախտակներին հեծած, սուրում էին Հայմարքեթով, թռչում դեպի ալիքների կատարները եւ, շարունակելով լողալ, հասնում էին Ամուրին, ջրացայտերով ծածկում նրան, իսկ նա ուրախությունից ծիծաղում էր։

Իրիկնադեմին երկինքը ծածկվեց ամպրոպաբեր թուխպերով, մթնեց ու սկսվեց սոսկալի մի անձրեւ։ Իսկ երբ անձրեւը կտրվեց ու երկինքը բացվեց, Փիքադիլլիի հրապարակը այնպես էր, ինչպես առաջ․ կենտրոնում՝ Ամուրի արձանը, իսկ նրա շուրջը միայն ավտոբուսներ ու տաքսիներ, մարդիկ ու մեքենաներ, մեքենաներ ու մարդիկ…

Հենց որ մութն ընկավ եւ մարդիկ ու մեքենաները փակվեցին իրենց տներում, դարձյալ թռավ֊եկավ սոխակն ու նստեց շատրվանի եզրին։

— Շնորհակալ եմ քեզնից, սոխակ,— ասաց Ամուրը։— Շատ հաճելի էր։

Քիչ անց նորից անձրեւ սկսվեց։ Սոխակն իր համար մի չոր տեղ գտավ Ամուրի ոտքերի մոտ, գլուխը թաքցրեց թեւի տակ ու խորը քուն մտավ։