«Մորեղբայր Թիկ֊Թակի ճանապարհորդությունը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մորեղբայր Թիկ֊Թակի ճանապարհորդությունը |հեղինակ = Դոնալդ Բիսեթ |թարգմանի...»:)
(Տարբերություն չկա)

19:56, 24 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Մորեղբայր Թիկ֊Թակի ճանապարհորդությունը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»


Եվ ի՞նչ է ջուրը։
H₂O, կամ ալմաստներ՝
սփռված խոտերին

Առաջին գլուխ

որտեղ դուք կծանոթանաք մորեղբայր Թիկ֊Թակի ու նրա վագր Ռռռռի հետ

— Խնդրում եմ, դեղին,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը իր սիրելի վագր Ռռռին։— Ճերմակները պետք չեն, միայն դեղին… Եվ՝ շուտ։

Բայց Ռռռռը ականջն էլ չշարժեց։ Նա գիտեր, որ մորեղբայր Թիկ֊Թակը այդ ամենը ասում է հենց այնպես, ասում է, մտածելով, թե կհանդիպեն չալտիկ հավիկին, որը դեղին հավկիթներ է ածում։

— Ռռռռ, իսկ դու գիտե՞ս, թե մեզ ինչն է պակասում,— շարունակեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մի իսկական Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ Ո Ւ Մ, հապա՜…

— Ճիշտ է,— ուրախացավ Ռռռռը։— Միջ… միջ… ինչպե՞ս էր, միջ… միջ… միջո՛։ Ելակն էլ հետը։ Ի՜նչ լավ կլիներ։

— Ռռռռ, դու էլ միայն ուտելիքի մասին ես մտածում։ Միջոցառումը չեն ուտում։ Միջոցառումը այն է, եթե մենք, օրինակ, որոշենք, թե իրար…

— Գրկելու ենք,— ասաց Ռռռռը եւ ամուր գրկեց մորեղբայր Թիկ֊Թակին։

— Չէ՜, չէ՜… Օրինակ, եթե միասին որոշենք մի այնպիսի՜ բան անել… Ասենք, գնանք գանձ որոնելու, կամ թռչենք Լուսին, կամ… կամ հյուրեր կանչենք։ Ռռռռ, եկ այդպիսի մի միջոցառում մտածենք։ Բայց ի՞նչ մտածենք, հը՞… Ո՞ւր կորավ իմ երեւակայությունը։

Այդ պահին զրնգաց հեռաձայնը։

— Այո՞,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ես ձեզ լսում եմ։ Ո՞վ է խոսում։

— Ձեր երեւակայությունը,— լսվեց հեռախոսափողից։— Ձեզ համար միջոցառում եմ մտածում։ Մի քանի րոպեից, խնդրում եմ, հեռաձայնեք այս համարով՝ Երեվա֊Կայություն, 1234։ Եչ Վեվ Կեն, մեկ, երկու, երեք, չորս։ Իսկ մինչ այդ Ռռռռի հետ ներկայացեք այն երեխաներին, որոնք հիմա կարդում են այս գիրքը։ Չէ՞ որ նրանք դեռ չեն ճանաչում ձեզ։

— Այո՛, այո՛, անպայման,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Հաճույքով։ Եկ այստեղ, Ռռռռ, որ ծանոթացնեմ քեզ։

Սիրելի ընթերցողներ, սա՝ Ռռռռ֊ն է։ Իմ շատ սիրելի վագրը։ Երբեմն նա գազազում է, հատկապես՝ երեքշաբթի օրերին։ Իսկ ընդհանրապես շատ բարի ու լավ վագր է։

Այս էլ… հը՛մ… ուրեմն… ես եմ։ Մի րոպե… ես հիմա կհանեմ գլխարկս ու կխոնարհվվեմ։

Բարեւ ձեզ։

Իմ հիմնական զբաղմունքը ժամացույցներ նորոգելն է։ Երբեմն էլ հրաշքներ եմ գործում։

Շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալուս։