«Հեքլբերի Ֆիննի արկածները»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ քսանմեկերորդ)
(Գլուխ քառասունմեկերորդ)
 
(21 intermediate revisions by the same user not shown)
Տող 2270. Տող 2270.
  
 
― Ահա, ― ասաց նա, ― եթե այս վերջին տողը նրանց չգրավի, այդ կնշանակի, որ ես արքանզասցիներին չեմ ճանաչում։
 
― Ահա, ― ասաց նա, ― եթե այս վերջին տողը նրանց չգրավի, այդ կնշանակի, որ ես արքանզասցիներին չեմ ճանաչում։
 +
 +
 +
==Գլուխ քսաներեքերորդ==
 +
 +
 +
Ամբողջ օրը դուքսն ու թագավորը տաժանելի աշխատանք կատարեցին, պատրաստելով բեմը, վարագույրը և մոմերի մի շարք՝ բեմի հատակալույսի համար։ Երեկոյան այնքան մարդ հավաքվեց, որ ոտք դնելու տեղ չկար։ Երբ այլևս ոչ մի ազատ տեղ չկար, դուքսը պտույտ կատարեց հանդիսականների մեջ, ետևի դռնով բարձրացավ բեմ ու կանգնեց վարագույրի առաջ։ Նա մի կարճ ճառ արտասանեց և գովեց ողբերգությունը։ Ասաց, որ այդ ողբերգությունը մինչև այժմ եղածների մեջ ամենասարսռեցուցիչն է։ Ապա շարունակեց ավելի մանրամասնորեն խոսել ողբերգության ու Էդմունդ Քին Ավագի մասին, որը կատարելու էր գլխավոր դերը։ Վերջապես, երբ կարողացան բորբոքել հանդիսականների հետաքրքրությունը, քաշեց վարագույրը։ Հաջորդ րոպեին ներկայացավ թագավորը, չորեքթաթ շարժվելով առաջ, բոլորովին մերկ։ Ամբողջ մարմինը ներկված էր օղակներով երիզված և շերտավորված ամեն տեսակի գույներով։ Նա նույնքան փառահեղ տեսք էր ստացել, որքան ծիածանը, բայց մնացածի մասին չարժե խոսել։ Դա վայրենություն էր, բայց միաժամանակ չափազանց ծիծաղելի։ Մարդիկ ծիծաղից պայթում էին։ Եվ երբ թագավորը ցատկում էր ու ոստոստելով անցնում բեմի ետևը, հանդիսականները գոռում էին, ծափահարում, անզուսպ քրքջում, մինչև նա վերադառնում էր բեմ և կրկնում իր խաղը։ Ապա ստիպում էին, որ նորից կրկնի։ Եփած հավի ծիծաղն էլ կգար, եթե տեսներ այդ հիմար ծերուկի խեղկատակությունները։
 +
 +
Այնուհետև դուքսն իջեցրեց վարագույրը, գլուխը խոնարհեց հանդիսականների առջև և ասաց, որ մեծ ողբերգությունը կրկնվելու է միայն երկու երեկո, որովհետև Լոնդոնի հետ ունեցած պարտավորությունները թույլ չեն տալիս երկար մնալու, այնքան որքան Դրուրի Լեյն թատրոնի բոլոր տոմսերն արդեն վաճառված են։ Նա նորից խոնարհվեց և ասաց, որ եթե իրեն հաջողվել է բավականություն պատճառել հանդիսականներին և եթե ներկայացումը ուսանելի է, ապա ինքը խորապես պարտավորված կմնա, եթե հանդիսականները այս մասին հայտնեն իրենց բարեկամներին, որպեսզի հաջորդ անգամ նրանք ևս գան տեսնելու։
 +
 +
Քսան հոգի մեկից բղավեցին․
 +
 +
― Ի՞նչ, մի՞թե վերջացավ։ Ա՞յդ էր բոլորը։
 +
 +
Դուքսը պատասխանեց, որ՝ այո։ Սկսվեց մի աղմուկ։ Բոլորը կանչում էին․ «Խաբե՜լ են մեզ»։ Մարդիկ զայրացած վեր կացան, շարժվեցին դեպի բեմն ու դերասանները։ Բայց հաճելի արտաքինով մի հաղթանդամ մարդ նստարանից վեր ցատկեց ու բղավեց․
 +
 +
― Սպասեցե՛ք։ Միայն մի խոսք, ջենտլմեններ։
 +
 +
Մարդիկ կանգ առան լսելու նրան։
 +
 +
― Մեզ խաբել են, շատ վատ խաբել են։ Բայց ինչո՞ւ ամբողջ քաղաքում ծաղրի առարկա դառնանք, որ մինչև մեր կյանքի վերջը ծիծաղեն մեզ վրա։ Ո՛չ, մեզ մնում է միայն այստեղից հանգիստ դուրս գալ, գովասանքով խոսել այս ներկայացման մասին և խաբել քաղաքի մնացած մարդկանց։ Այդ դեպքում մենք բոլորս կլինենք նույն վիճակում։ Ճիշտ չե՞մ ասում։
 +
 +
― Միանգամայն իրավացի եք, դատավոր, ― բղավեցին բոլորը միաբերան։
 +
 +
― Այդ դեպքում շատ լավ, խաբվելու մասին ոչ մի խոսք։ Գնացեք տուն և բոլորին խորհուրդ տվեք, որ գան տեսնեն ողբերգությունը։
 +
 +
Հաջորդ օրը քաղաքում խոսում էին միայն այդ փառավոր ներկայացման մասին։ Երեկոյան սրահը նորից լեփ֊լեցուն էր, և նորից նույն ձևով խաբեցինք նաև այս մարդկանց։ Երբ ես, թագավորն ու դուքսը վերադարձանք լաստ, ընթրեցինք և շուտով, մոտավորապես կեսգիշերին, նրանք Ջիմին ու ինձ առաջարկեցին դուրս բերել լաստը գետի մեջտեղը, մոտ երկու մղոն իջնել ներքև, թաքցնել։
 +
 +
Երրորդ երեկոյան սրահը նույնքան լեփ֊լեցուն էր։ Այս անգամ նոր հանդիսատեսներ չկային, եկել էին նախորդ երկու երեկոյի մասնակիցները։ Ես դքսի հետ կանգնել էի դռանը և նկատում էի, որ ներս մտնող ամեն մարդու գրպանն էլ ուռած է կամ բաճկոնակի տակ ինչ֊որ բան է թաքցրած։ Հասկանալի էր, որ դա օծանելիք չէր։ Զզվելի հոտից զգում էի, որ պետք է նեխած ձու, կաղամբ և նման որևէ այլ բան լիներ։ Եթե ես կարողանում եմ տարբերել մոտակայքում սատկած կատվի հոտը, և իսկապես տարբերում եմ, պետք է ասեմ, որ սրահ տարան այդպիսի վաթսունչորս նեխած բան։ Մի րոպե մտա սրահ, բայց երկար մնալ չկարողացա, հոտն անտանելի էր։ Երբ սրահում նոր մարդկանց համար այլևս տեղ չկար, դուքսը մեկին մի քառորդ դոլարանոց տվեց և ասաց, որ մի րոպե իմ փոխարեն կանգնի դռանը, իսկ ինքն սկսեց դեսուդեն շուռ գալ, իբր թե ուզում է բեմ գնալ։ Բայց հենց որ շուռ եկանք մի մութ անկյուն, նա ասաց․
 +
 +
― Շտապի՛ր, շուտ հեռանանք։ Վազի՛ր դեպի լաստը, այնպես արա, որ կարծես հետևիցդ սատանա է ընկել։
 +
 +
― Ես այդպես էլ արեցի։ Նույնպես վարվեց և նա։ Մենք լաստը բարձրացանք միաժամանակ և մի երկու վայրկյան հետո արդեն լողում էինք դեպի գետի մեջտեղը։ Ոչ ոք ոչ մի բառ չէր արտասանում։ Մտածում էի, թե խեղճ թագավորն այժմ իր ճաշը կուտի հանդիսականների մոտ։ Բայց ես սխալված էի, որովհետև նա դուրս սողաց լաստի հյուղակից և ասաց․
 +
 +
― Լա՜վ, դուքս, որքա՞ն հավաքեցիր այս անգամ։
 +
 +
Պարզվեց, որ նա այդ օրը քաղքում չէր էլ եղել։
 +
 +
Լաստի վրա ոչ մի լույս չկախեցինք, մինչև քաղաքից հեռացանք տասը մղոն։ Ապա վառեցինք լապտերը և ընթրեցինք։ Թագավորն ու դուքսը ծիծաղից թուլանում էին, երբ պատմում էին, թե ինչպես են ծառայել ժողովրդին։ Դուքսն ասաց․
 +
 +
― Խա՜կ մարդիկ, տափա՜կ գլուխներ։ Ես գիտեի, որ առաջին ներկայացման ժամանակ կլռեն, որպեսզի քաղաքի մնացած մասն էլ մեր ուռկանն ընկներ և գիտեի, որ երրորդ երեկոյին նրանք կուզենային տեղը հանել, մտածելով, որ հերթն այժմ իրենցն է։ Լավ, հերթը իրենցն է, բայց ես լավ գին կտայի իմանալու համար, թե դրանից որքան օգուտ ստացան։ Կուզենայի տեսնել, թե այդ առիթը նրանք ինչպես են օգտագործում այժմ։ Կարող են խնջույք սարքել, եթե ուզում են․ իրենց հետ բերած մթերքներն առատ են։
 +
 +
Այս սրիկաները երեք ներկայացման դիմաց հավաքել էին չորս հարյուր վաթսունհինգ դոլար։ Մանր դրամի այդքան մեծ շեղջ ես դեռ չէի տեսել։
 +
 +
Որոշ ժամանակից հետո, երբ նրանք քնել էին և խռմփացնում էին, Ջիմն ասաց․
 +
 +
― Քեզ համար զարմանալի չէ՞ թագավորի այս վարմունքը, Հեք։
 +
 +
― Ոչ, ― պատասխանեցի ես, ― զարմանալի չէ։
 +
 +
― Ինչո՞ւ, Հեք։
 +
 +
― Հենց նրա համար, որ դա նրանց էությունն է։ Կարծում եմ, որ նրանք բոլորն էլ իրար նման են։
 +
 +
― Բայց, Հեք, մեր այս թագավորները կատարյալ սրիկաներ են, կատարյա՜լ սրիկաներ։
 +
 +
― Իմ ասածն էլ այդ է։ Որքան ինձ հայտնի է, բոլոր թագավորներն էլ մեծ մասամբ սրիկաներ են։
 +
 +
― Մի՞թե։
 +
 +
― Մի անգամ կարդա նրանց մասին և կիմանաս։ Վերցրու Հենրի Ութերորդին։<ref>Հենրի Ութերորդն Անգլիայի թագավորն էր տասնվեցերորդ դարում։ Այստեղ Հեք Ֆիննը նրան վերաբերող գիրքը շփոթում է արաբական «Հազար ու մի գիշերվա» հետ։</ref> Նրան հակադրիր մեր կիրակնօրյա դպրոցի վերակացուին։ Վերցրու Կառլոս Երկրորդին, Լյուդովիկոս Տասնչորսերորդին, Ջեյմս Երկրորդին, Էդվարդ Երկրորդին, Ռիչարդ Երրորդին և քառասուն այլ թագավորների։ Բացի դրանցից, հիշիր սաքսոնների յոթնապետությունները,<ref>Սաքսոնների հիմնած յոթը թագավորությունները հինգերորդ դարից մինչև իններորդ դարը։</ref> որոնք հին ժամանակներում սովորաբար կոտորում, կողոպտում էին ամենուրեք և կայեններ աճեցնում։ Պետք է տեսնեիր Հենրի Ութերորդին իր ծաղկուն տարիներին։ Նա կատարյալ ծաղիկ էր։ Ամեն օր նոր կին էր առնում և հաջորդ առավոտյան հրամայում գլխատել։ Եվ նա այդ անում էր նույնքան հանգիստ ու անտարբեր, ինչպես եթե ուտելու ձու պահանջեր։ «Ինձ բերեք Նել Գվինին» ― ասում էր նա։ Բերում էին։ Հաջորդ առավոտյան ասում էր․ «Թռցրեք գլուխը»։ Եվ գլխատում էին։ «Բերեք Ջեյն Շորին»։ Ջեյն Շորը գալիս էր։ Հաջորդ առավոտյան․ «Թռցրեք գլուխը»։ Եվ գլխատում էին։ «Կանչեցեք գեղեցիկ Ռոզամունդին»։ Գեղեցիկ Ռոզամունդը նրա կանչին ներկայանում էր։ Հաջորդ առավոտյան․ «Թռցրեք գլուխը»։ Եվ նա դրանցից յուրաքանչյուրին ստիպում էր ամեն գիշեր մի պատմություն պատմել։ Նա այդ այնքան շարունակեց, մինչև հավաքեց հազար ու մի պատմություն, և այդ պատմությունները զետեղեց մի գրքի մեջ, որը կոչվում է «Դոմսդեյի գիրք»։<ref>Դոմսդեյի գիրքը գրվել է Վիլհելմ Աշխարհակալի ժամանակ․ 1085-1086 թվերին։ Այստեղ գրանցված են գլխավոր կալվածատերերի անունները, զբաղեցրած տարածությունը, անասունների գլխաքանակը և այլն։</ref> Լավ անուն է և ցույց է տալիս այդ դեպքը։ Դու թագավորներին չես ճանաչում, Ջիմ, բայց ես ճանաչում եմ, և մեր այս ծեր անառակը պատմությունից իմ իմացածներիս մեջ ամենամաքուրներից է։ Մի տես, թե այդ Հենրիի գլխում ինչպես միտք ծագեց մեր երկրին նեղություն տալ։ Ինչպե՞ս սկսեց․ որևէ բան հայտնե՞ց, նախազգուշացրե՞ց։ Ոչ։ Նա նավից հանկարծ թեյը ծովը թափեց Բոստոնի նավահանգստում, ապա տվեց անկախության դեկլարացիան և գրգռեց մարդկանց, որ կռվի դուրս գան։ Նրա գործելու եղանակը այդպիսին էր․ ոչ ոքի հանգիստ չէր թողնում։ Կասկածում էր իր հոր՝ Վելինգտոնի դքսի վրա և ի՞նչ արեց։ Հարցուփո՞րձ արեց։ Ոչ, նրան խեղդեց գինետակառի մեջ, ինչպես կատվի։ Ասենք թե մարդիկ անուշադիր էին, դրամ էին թողնում նրա մոտ։ Ի՞նչ կաներ։ Կգրպաներ։ Պայմանավորվում էիր մի բան անել, որի համար վճարած կլինեիր, բայց չես նստել կողքին հետևելու, որ պայմանը կատարվի։ Ի՞նչ կաներ։ Միշտ հակառակը կաներ։ Ասենք, թե բերանը բացում էր․ ի՞նչ էր լինում հետևանքը։ Եթե անմիջապես չփակեր, ստերը դուրս կթափվեին։ Իսկ եթե նա մեր թագավորի տեղը լիներ, ավելի լավ կկողոպտեր այս քաղաքը։ Չեմ ասում, թե մերը գառ է, որովհետև թագավորը գառ լինել չի կարող, երբ մենք նայում ենք սառը փաստերին։ Համենայն դեպս, հին խոյերի հետ համեմատած, սրանք ոչինչ են։ Իմ ասածն այն է, որ թագավորը թագավոր է, և մենք ստիպված ենք տանել այդ։ Ընդհանրապես նրանք բոլորն էլ անպետք մարդիկ են։ Այդպես են դաստիարակված։
 +
 +
― Բայց այս մեկից սպիրտի հոտը ուժեղ է փչում, Հեք։
 +
 +
― Էհ, բոլորն էլ այդպես են, Ջիմ։ Ի՞նչ կարող ենք անել, եթե թագավորից հոտ է փչում։ Պատմությունը դրա դեմ ոչ մի միջոց չի առաջարկում։
 +
 +
― Դուքսը որոշ կողմերով բավական մարդավարի է։
 +
 +
― Այո, դուքսը տարբերվում է, բայց ոչ շատ։ Այս մեկը միջին տիպի է, թեև դուքս է։ Երբ հարբած է, ոչ մի կարճատես չի կարող նրան թագավորից տարբերել։
 +
 +
― Լավ, Հեք, էլ դրանց մասին չխոսենք։ Սրանց էլ հազիվ եմ տանում։
 +
 +
― Ես էլ եմ այդպես կարծում, Ջիմ։ Սրանք նստել են մեր ուսին, և մենք պետք է հիշենք, թե ովքեր են սրանք, և հաշվի առնենք այդ։ Երբեմն ցանկանում եմ լսել այնպիսի մի երկրի մասին, որտեղ թագավորներ չկան։
 +
 +
Ի՞նչ միտք ուներ Ջիմին ասել, թե սրանք իսկական թագավոր ու դուքս չեն։ Դրանից լավ բան դուրս չէր գա, բացի այդ, դրանք ոչնչով չէին տարբերվում իսկականներից։
 +
 +
Ես պառկեցի քնելու, և Ջիմը չարթնացրեց ինձ, երբ հասավ իմ հերթը։ Նա հաճախ էր այդպես վարվում։ Լուսադեմին, երբ արթնացա, նա նստած էր իր տեղում, գլուխը կախած երկու ծնկների միջև։ Ինքն իրեն հեծում ու ողբում էր։ Ես նման պահերին ուշադրություն չէի դարձնում, ոչ էլ երևում նրա աչքին․ գիտեի, թե ինչն ինչոց է։ Նա մտածում էր իր կնոջ և երեխաների մասին, որոնք շա՜տ հեռու էին։ Բացի այդ, հայրենակարոտ էր․ իր կյանքում երբեք տնից չէր հեռացել։ Ես հավատացած եմ, որ նա իր կնոջն ու երեխաներին այնքան էր սիրում, որքան սպիտակամորթը կարող է սիրել։ Գուցե դա շատերին բնական չթվա, բայց, իմ կարծիքով, դա ճիշտ է։ Հաճախ գիշերները նա հեծում ու ողբում էր այդպես, երբ կարծում էր, թե քնած եմ, և ասում էր․ «Խե՜ղճ, փոքրի՜կ Լիզաբեթ, խե՜ղճ, փոքրի՜կ Ջոնի, ծա՜նր է․ այլևս չեմ տեսնի ձեզ, չեմ տեսնի»։ Ջիմը շատ լավ նեգր էր։
 +
 +
Բայց այս անգամ ես մի կերպ սկսեցի խոսել նրա հետ իր կնոջ ու երեխաների մասին։ Նա ասաց․
 +
 +
― Այսօր սրտիս վրա մի բան է ծանրացել, քիչ առաջ ափից լսեցի ինչ֊որ չրխկոցի ձայն։ Դա ինձ հիշեցրեց փոքրիկ Լիզաբեթի հետ կապված մի դեպք։ Այն ժամանակ նա մոտ չորս տարեկան էր․ վարակվել էր քութեշով և ծանր հիվանդ էր։ Մի անգամ կանգնած էր իմ կողքին։ Ես ասացի․
 +
 +
«Դուռը փակիր»։
 +
 +
Նա չկատարեց իմ խոսքը, կանգնեց կողքիս, նայեց ինձ ու ծիծաղեց։ Դա ինձ շատ զայրացրեց։ Ես նորից ասացի և այս անգամ ավելի բարձր․
 +
 +
«Չե՞ս լսում, դուռը փակիր»։
 +
 +
Նա նույն ձևով կանգնեց և ծիծաղեց։ Ես կատաղած գոռացի․
 +
 +
«Տե՛ս, թե հիմա ոնց կփակես»։
 +
 +
Այդ ասելով այնպիսի մի ապտակ հասցրի գլխին, որ փռվեց հատակին։ Հետո գնացի մյուս սենյակը և այնտեղ մնացի մոտ տասը րոպե։ Երբ վերադարձա, դուռը դեռ առաջվա նման բաց էր, իսկ երեխան, կանգնած դռան մոտ, գլուխը կախած լաց էր լինում․ արցունքները գլորվում էին աչքերից։ Ես զայրացա և քայլեցի երեխայի կողմը։ Դուռը դեպի ներս էր բացվում, և այդ րոպեին ուժեղ փչեց քամին, և դուռը, թրը՛խկ, ամբողջ թափով փակվեց երեխայի թիկունքի մոտ, իսկ նա տեղից չշարժվեց։ Ես այնպես թուլացա, որ չեմ կարող ասել, թե ինչ զգացի։ Կամաց մոտեցա։ Ամբողջովին դողում էի, քայլում ոտքերիս մատների վրա։ Դանդաղ ու լուռ բաց արեցի դուռը, գլուխս ներս մտցրի և ամբողջ ուժով գոռացի։ Նա նույնիսկ տեղից չշարժվեց։ Ա՜խ, Հեք, ես սկսեցի բարձրաձայն աղաղակել և նրան առա իմ գիրկն ու ասացի․ «Օ՜, իմ խեղճ փոքրի՜կ երեխա։ Ամենակարո՛ղ տեր, ների՛ր ծեր Ջիմին, որովհետև նա ինքը երբեք չի ների իրեն, քանի դեռ կենդանի է»։ Քութեշից հետո երեխան խլացել էր, Հեք, բոլորովին խլացել, իսկ ես ինչպե՜ս դաժան վարվեցի նրա հետ։
 +
 +
 +
==Գլուխ քսանչորսերորդ==
 +
 +
 +
Հաջորդ օրը իրիկնադեմին, մենք կանգ առանք գետի մեջտեղում ուռենիներով ծածկված մի կղզյակի մոտ։ Այստեղ, գետի մյուս կողմում էլ գյուղ կար, և դուքսն ու թագավորն սկսեցին այդ գյուղերը կողոպտելու ծրագրեր մշակել։ Ջիմը դքսին ու թագավորին ասաց, թե հուսով է, որ դա մի քանի ժամից ավելի չի տևի, որովհետև իր համար շատ ծանր ու ձանձրալի է ամբողջ օրը պարանով կապկպված պառկել հյուղակում։ Ինչպես գիտեք, երբ նրան մենակ էինք թողնում լաստի վրա, ստիպված էինք լինում կապկպել, որովհետև եթե մեկը պատահաբար գար լաստը և գտներ նրան արձակ ու մենակ, չէր հավատա, որ նա փախած ու բռնված նեգր է։ Ուստի դուքսն ասաց, որ, իրոք, դժվար է ամբողջ օրը կապված մնալ, և որ ինքը մի բան կմտածի՝ այդ միջոցին այլևս չդիմելու համար։
 +
 +
Դուքսն արտասովոր ընդունակ մարդ էր և շուտով գտավ ելքը։ Նա Ջիմին հագցրեց Լիր Արքայի տարազը՝ վարագույրի չթից պատրաստած երկար մի շրջազգեստ, ձիու մազից պատրաստած սպիտակ պարիկ և բեղեր։ Ապա վերցրեց թատերական գրիմ և դեմքը, ձեռքերը, ականջը, վիզը ներկեց անկենդան, տաղտուկ, կապույտ գույնով։ Նա արդեն նման էր ինն օր առաջ խեղդված դիակի։ Ես երբեք դրանից ավելի ահռելի, ավելի բարբարոս բան չէի տեսել։ Դուքսը վերցրեց մի տախտակ և գրեց․
 +
 +
«Կատաղած արաբ, բայց ոչ ոքի չի վնասի, եթե չմոտենան»։
 +
 +
Նա այդ տախտակը փակցրեց մի ձողի վրա, և ձողը կանգնեցրեց հյուղակի առաջ, չորս֊հինգ ոտնաչափ բարձր։ Ջիմը գոհ էր դրանից․ ասում էր, որ այդպես շատ ավելի լավ է, քան ամեն օր ամբողջ օրը կապկպած պառկել և ամեն մի ձայն լսելիս դողալ։ Դուքսն ասաց, որ նա իրեն ազատ ու հանգիստ զգա, և եթե որևէ մեկն իր գործերին խառնվի, դուրս թռչի հյուղակից, կոպիտ շարժումներ անի, մեկ֊երկու անգամ գազանի նման գոռա։ Այդ դեպքում, նրա կարծիքով, մարդիկ կփախչեն և հանգիստ կթողնեն Ջիմին։ Այդ խորհուրդը բավական խելացի էր, բայց ամեն մարդ չէր սպասի, մինչև նա գոռար։ Ջիմը ոչ միայն մեռած մարդու տեսք ուներ, այլև դրանից ավելի վատ էր։
 +
 +
Այս սրիկաներն ուզում էին նորից փորձել իրենց բախտը․ դա շատ փող կբերեր։ Բայց մտածում էին, թե դա կարող է ապահով չլինել, որովհետև նախորդ խաբեության լուրը կարող էր այդտեղ հասած լինել։ Նրանք չէին կարողանում այնպիսի մի ծրագիր կազմել, որը միանգամայն հարմար լիներ։ Ուստի դուքսը վերջապես ասաց, թե ինքը մեկ֊երկու ժամ կպառկի ու գործի կդնի իր ուղեղը՝ տեսնելու, չի՞ կարող մի հարմար առաջակություն անել Արքանզասի այս գյուղի համար։ Իսկ թագավորն ասաց, որ ինքը դուրս կգա մյուս գյուղն առանց ծրագրի։ Բավական է ապավինել նախախնամությանը, որպեսզի առաջնորդի շահավետ ճանապարհով։ Նրա նախախնամությունը, իմ կարծիքով, սատանան էր։ Վերջին իջևանում բոլորս գնել էինք նոր հագուստներ։ Թագավորը հագավ իր նոր շորերը և ասաց, որ նույնն անեմ և ես։ Իհարկե, կատարեցի նրա կարգադրությունը։ Թագավորն ամբողջությամբ սև էր հագել և շատ պատկառելի տեսք ուներ։ Մինչ այդ ես չգիտեի, որ հագուստը կարող է մարդուն այդքան փոխել։ Առաջ նա նման էր երբևէ գոյություն ունեցած ամենաստոր, ամենահասարակ, ծերացած մի անառակի։ Բայց այժմ նա, երբ հանում էր իր նոր, սպիտակ լայնեզր գլխարկը, խոնարհվում ու ժպտում էր, այնպիսի վեհ, ազնիվ ու բարեպաշտ տեսք էր ստանում, որ կարծես ինքը ծերուկ Նոյն էր, որ նոր էր դուրս եկել տապանից։ Ջիմը մաքրեց նավակը, իսկ ես պատրաստեցի թիակը։ Երևում էր մի շոգենավ, որը կանգնած էր այդ գյուղից երեք մղոն վեր, ափի մոտ։ Արդեն երկու ժամ էր, որ դա այնտեղ էր և բեռ էր վերցնում։ Թագավորն ասաց․
 +
 +
― Քանի որ այսպես եմ հագնված, ապա ավելի լավ է, որ ես եկած լինեմ Սեն֊Լուիից կամ մի այլ տեղից։ Շտապիր դեպի շոգենավը, Հեքլբերի, դրանով կգնանք գյուղ։
 +
 +
Կարիք չկար ինձ երկրորդ անգամ հրամայելու, որ շոգենավ նստեմ․ ես ափ հասա գյուղից կես մղոն վերև և ապա թիավարեցի խաղաղ ջրի զառիթափ ափի երկայնքով։ Շուտով մենք հանդիպեցինք կոճղի վրա նստած անմեղ տեսքով գյուղական մի երիտասարդի։ Սա սրբում էր դեմքի քրտինքը, որովհետև օրը շատ շոգ էր։ Նրա կողքին դրված էին կապերտից պատրաստած երկու մեծ խուրջին։
 +
 +
― Նավակը դարձրու դեպի ափ, ― ասաց թագավորը։ Ես կատարեցի նրա հրամանը։ ― Ո՞ւր եք գնում, երիտասարդ։
 +
 +
― Շոգենավ․ ուզում եմ Օռլեան գնալ։
 +
 +
― Բարձրացեք նավակը, ― ասաց թագավորը, ― մի րոպե սպասեցեք․ իմ ծառան կօգնի ձեզ վերցնելու խուրջինները։ Դուրս թռիր և օգնիր ջենտլմենին, Ադոլֆուս (վերջին խոսքը, իհարկե, ինձ էր ուղղված)։
 +
 +
Ես օգնեցի, և մենք երեքով նորից ճանապարհ ընկանք։ Երիտասարդն անչափ շնորհակալ էր․ ասում էր, թե այսպիսի շոգ եղանակին խուրջիններ կրելը ծանր գործ է։ Նա հարցրեց թագավորին, թե ուր է գնում։ Թագավորն ասաց, որ գետով իջել է ներքև և այս առավոտ դուրս է եկել մյուս գյուղը, իսկ այժմ մի քանի մղոն բարձրանում է վեր, իր հին ծանոթին՝ մի ագարակատիրոջ, տեսակցության է գնում։ Երիտասարդն ասաց․
 +
 +
― Երբ առաջին անգամ տեսա ձեզ, մտքումս ասացի, որ սա, անկասկած, միստր Վիլքսն է, և մի փոքր ուշացել է, բայց այնուհետև ասացի՝ ոչ, կարծում եմ, նա չէ․ նա չպետք է գետն ի վեր թիավարեր։ Դուք նա չեք, այնպես չէ՞։
 +
 +
― Ոչ, իմ ազգանունը Բլոջիթ է, Ալեքսանդր Բլոջիթ, կարծում եմ, որ պետք է ասել արժանապատիվ Ալեքսանդր Բլոջիթ, այնքան որքան ես տիրոջ խեղճ ծառաներից մեկն եմ։ Բայց և այնպես ես նույնքան կարող եմ ցավել միստր Վիլքսի համար, որը ժամանակին չի կարողացել ժամանել, եթե նա այդ ուշացումից որևէ չափով տուժում է։ Հուսով եմ, որ չի տուժի։
 +
 +
― Չէ, նա դրանից ոչինչ չի կորցնի․ կտակածը լրիվ կստանա, միայն թե չկարողացավ եղբորը՝ Պիտերին, մեռնելուց առաջ տեսնել։ Դրան էլ նա գուցե կարևորություն չի տա, ո՞վ գիտե։ Բայց եղբայրը աշխարհում ամեն ինչ կտար, միայն թե մեռնելուց առաջ նրան տեսներ։ Վերջին երեք շաբաթը ուրիշ ոչ մի բանի մասին չէր խոսում։ Տղայության տարիներից հետո նրան չի տեսել, իսկ մյուս եղբորը՝ Վիլյամին, երբեք չի տեսել։ Դա խուլուհամր եղբայրն է։ Վերջինս երեսուն֊երեսունհինգից ավելի չի լինի։ Այստեղ միայն Պիտերն ու Ջորջն են եկել։ Ջորջը ամուսնացած եղբայրն էր։ Նա ու իր կինը անցյալ տարի մեռան։ Մնացել են Հարվին ու Վիլյամը, նրանք էլ, ինչպես ասացի, ժամանակին չեն եկել։
 +
 +
― Որևէ մեկը նրանց լուր տվե՞լ էր։
 +
 +
― Այո, մեկ կամ երկու ամիս առաջ, երբ Պիտերը նոր էր հիվանդացել։ Նա ասում էր, թե այնպես է զգում իրեն, որ այս անգամ լավանալու հույս չունի։ Պետք է իմանաք, որ նա բավական ծեր էր, իսկ Ջորջի աղջիկները շատ փոքր էին և չէին կարող նրան զբաղեցնել, բացի Մերի Ջեյնից՝ շիկահեր աղջկանից։ Ջորջի ու նրա կնոջ մահից հետո Պիտերը շատ էր նեղվում մենակությունից և, ըստ երևույթին, այնքան էլ ապրելու մասին չէր մտածում։ Անչափ ուզում էր տեսնել Հարվիին, ինչպես և Վիլյամին։ Դե նա այն մարդկանցից էր, որոնց համար անտանելի է կտակ գրելը։ Նա թողել է մի նամակ՝ Հարվիի համար։ Այնտեղ գրել է, թե ուր է թաքցրել դրամը և ցանկություն է հայտնել, որ իր մնացած ունեցվածքը բաժանելիս Ջորջի աղջիկները ոչ մի բանի կարիք չունենան, քանի որ Ջորջը նրանց ոչինչ չէր թողել։ Եվ դա միակ նամակն է, որ կարողացել են գրել տալ։
 +
 +
― Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հարվին չի գալիս։ Որտե՞ղ է ապրում։
 +
 +
― Օ՜, նա ապրում է Անգլիայում, Շեֆֆիլդում․ այնտեղ քարոզում է։ Նա այս երկրում երբևէ չի եղել։ Այնքան էլ շատ ժամանակ չի ունեցել գալու։ Գուցե և նամակը տեղ չի հասել։
 +
 +
― Ցավալի է, շատ ցավալի, եթե չի ապրել այնքան, որ տեսներ իր եղբորը, խե՜ղճ մարդ։ Ասում եք, որ Օռլեան եք գնում, այո՞։
 +
 +
― Այո, բայց դա իմ ճանապարհորդության մի մասն է։ Հաջորդ չորեքշաբթի գնում եմ Ռիո֊դե֊Ժանեյրո, որտեղ ապրում է հորեղբայրս։
 +
 +
― Երկար ճանապարհորդություն է, բայց հաճելի կլինի։ Երանի՜ ես էլ գնայի։ Ամենամեծ աղջիկը Մերի Ջե՞յնն է։ Մյո՞ւսը քանի տարեկան է։
 +
 +
― Մերի Ջեյնը տասնինը տարեկան է, Սյուզանը՝ տասնհինգ, և Ջոաննան՝ մոտ տասնչորս․ վերջինս այն աղջիկն է, որ իրեն բարի գործի է նվիրել և նապաստակի շրթունքներ ունի։
 +
 +
― Խե՜ղճ արարածներ, այդպես մենակ են մնում այս սառն, անսիրտ աշխարհում։
 +
 +
― Է՜հ, կարող էին ավելի վատ վիճակի մեջ ընկնել։ Ծերունի Պիտերը բարեկամներ ունի, և նրանք չեն թողնի, որ աղջիկները տուժեն։ Պիտերի մտերիմներն էին Հոբսոնը՝ մկրտչական քարոզիչը, սարկավագ Լոթ Հովին, Բեն Ռուքերը, Էբներ Շոքլֆորդը, օրենսգետ Լեվի Բելը, դոկտոր Ռոբինսոնն ու իրենց կանայք, ինչպես նաև այրի Բարթլին և բազմաթիվ այլ մարդիկ։ Պիտերը սրանց մտերիմն էր և նամակներ գրելիս հիշում էր նրանց․ այնպես որ Հարվին կիմանա որտեղ բարեկամներ որոնել, երբ գա այստեղ։
 +
 +
Այնուհետև ծերուկը շարունակեց հարցեր տալ, մինչև կատարելապես դատարկեց այդ երիտասարդին։ Կործանվեմ, եթե նա չհարցրեց այդ օրհնյալ ավանի յուրաքանչյուր բնակչի մասին և ամեն ինչ իմացավ Վիլքսերի վերաբերյալ։ Նա իմացավ, որ Պիտերը կաշեգործ է եղել, Ջորջը՝ հյուսն, Հարվին՝ բողոքական աղանդի քարոզիչ և այլն և այլն։ Ապա նա ասաց․
 +
 +
― Ինչո՞ւ էիք ուզում մինչև շոգենավ ոտքով գնալ։
 +
 +
― Որովհետև դա Օռլեանի մեծ նավ է, և վախենում էի, թե այստեղ կանգ չի առնի։ Երբ նավը խորն է նստած, կանգ չի առնի ողջունելու համար։ Ցինցինաթիից եկողները կանգ են առնում, բայց սա Սեն֊Լուիից է գալիս։
 +
 +
― Ինչո՞վ էր Վիլքսը հարուստ։
 +
 +
― Օ՜, շատ բանով։ Նա ուներ տներ, կալվածներ և կարծում են, որ թողել է երեք֊չորս հազար դոլար կանխիկ դրամ՝ թաքցրած ինչ֊որ տեղ։
 +
 +
― Ե՞րբ մեռավ, ասացի՞ք։
 +
 +
― Այդպիսի բան չեմ ասել, բայց երեկ երեկոյան մեռավ։
 +
 +
― Հավանորեն թաղումը տեղի կունենա վաղը, այո՞։
 +
 +
― Այո, մոտավորապես կեսօրին։
 +
 +
― Օ՜, սարսափելի տխուր բան է, բայց մենք բոլորս վաղ թե ուշ գնացողներ ենք։ Ուստի մեզ մնում է պատրաստ սպասել դրան․ այդ դեպքում հանգիստ կննջենք։
 +
 +
― Այո, սըր, ամենալավն այդ է։ Մայրս միշտ այդ էր ասում։
 +
 +
Երբ սկսեցինք թիավարել, բեռնումն ավարտված էր և նավը շուտով ճանապարհ ընկավ։ Թագավորը ոչինչ չասաց նավ բարձրանալու մասին, ուստի վերջին հաշվով ինձ չհաջողվեց բարձրանալ այնտեղ։ Երբ նավը հեռացավ, թագավորն ինձ ստիպեց թիավարել ևս մեկ մղոն դեպի ափի ամայի մի կետ, ապա, ցամաք դուրս գալով ասաց․
 +
 +
― Այժմ շտապ ետ գնա և դքսին բեր այստեղ, ինչպես և կապերտից պատրաստած նոր խուրջինները։ Իսկ եթե նա գնացել է մյուս ափը, գտիր և բեր։ Ասա, որ լավ հագնվի։ Դե՛հ, թիավարիր, շո՛ւտ արա։
 +
 +
Ես հասկացա, թե ինչ մտադրություն ունի, բայց, իհարկե, ոչինչ չասացի։ Երբ դքսի հետ վերադարձա, նավակը թաքցրինք, նրանք նստեցին մի կոճղի, և թագավորը մանրամասնորեն պատմեց այն ամենը, ինչ երիտասարդն է ասել, մինչև վերջին բառը։ Պատմելու ամբողջ ընթացքում նա աշխատում էր խոսել ինչպես անգլիացի, և չնայած իր անշնորհքությանը, բավական հաջող էր կատարում դերը։ Ես չեմ կարող նմանեցնել, ուստի և չեմ փորձում դա վերարտադրել։ Բայց նա իրոք բավական լավ կատարեց այդ դերը։
 +
 +
― Ի՞նչ կասեք խուլուհամրի մասին, Բրիջուոթըր, ― ասաց նա վերջում։
 +
 +
Դուքսն ասաց, որ այդ հարցը թողնի իրեն, ինքը բեմում կատարել է խուլուհամրի դեր։ Սպասեցին շոգենավի։
 +
 +
Կեսօրից հետո եկան երկու փոքրիկ շոգենավ, բայց դրանք գետի վերին հոսանքից չէին։ Վերջապես եկավ մի մեծ նավ, և թագավորն ու դուքսը ողջունելով կանգնեցրին այն։ Նավը մակույկ ուղարկեց, և մենք բարձրացանք տախտակամածը։ Նավը գալիս էր Ցինցինաթիից։ Երբ իմացան, որ մենք ուզում են միայն չորս կամ հինգ մղոն գնալ, խիստ զայրացան ու սկսեցին մեզ հայհոյել․ ասացին, որ մեզ ափ դուրս չեն բերի։ Թագավորը հանգիստ էր և ասաց․
 +
 +
― Եթե այս ջենտլմեններից յուրաքանչյուրն ամեն մեկ մղոնի համար վճարի մեկ դոլար, որպեսզի թույլ տրվի բարձրանալ նավը և մակույկով դուրս բերվեն ափ, այդ դեպքում համաձա՞յն եք։
 +
 +
Մարդիկ մեղմացան, ասացին, որ այդպես համաձայն են, և երբ հասանք գյուղի դեմ, նրանք մեզ մակույկով ափ դուրս բերին։ Տեսնելով մոտեցող մակույկը, մի քսան հոգի թափվեցին գետափ։ Երբ թագավորն ասաց․ «Այս ջենտլմեններից ո՞վ կարող է ասել, թե որտեղ է ապրում միստր Պիտեր Վիլքսը», նրանք նայեցին իրար ու խոնարհեցին գլուխները։ Կարծես ուզում էին ասել․ «Ի՞նչ ասենք ձեզ»։ Նրանցից մեկը մեղմ ու քնքուշ ձայնով ասաց․
 +
 +
― Ցավում եմ, սըր, բայց մենք միայն կարող ենք ասել, թե որտեղ էր ապրում մինչև երեկ երեկո։
 +
 +
Հանկարծ, մի ակնթարթում, ողջ֊առողջ ծերունին նվաղեց, ընկավ կողքի մարդու վրա, ծնոտը հենելով նրա ուսին, արցունքներ թափելով նրա թիկունքն ի վար․
 +
 +
― Ավա՜ղ, ավա՜ղ, մեր խեղճ եղբայրը․․․ չկա, և մենք երբեք չկարողացանք նրան տեսնել, օ՜հ, որքան ծանր է, որքա՜ն ծանր։
 +
 +
Ապա լացուկոծով շուռ եկավ և մատներով բազմաթիվ ապուշ նշաններ արեց դքսին։ Վերջինս ցած գցեց կապերտե խուրջինը և աղաղակեց։ Անիծվեմ, եթե երբևէ տեսածս խարդախ մարդկանցից այդ երկուսն ամենախարդախները չէին։
 +
 +
Մարդիկ հավաքվեցին նրանց շուրջը, բաժանելով նրանց վիշտը, և ասացին ամեն տեսակի բարի, մխիթարական խոսքեր, խուրջինները վերցրին, բարձրացրին բլուրն ի վեր, թույլ տվեցին, որ հենվեն իրենց, արտասվեն։ Թագավորին ամեն ինչ պատմեցին եղբոր վերջին րոպեների մասին, իսկ թագավորը մատների շարժումով նույնը հաղորդեց դքսին, և երկուսն էլ մորմոքեցին մեռած կաշեգործի համար, կարծես կորցրել էին տասներկու առաքյալներին։ Ազնիվ խոսք, թող նեգր լինեմ, եթե մինչ այդ երբևէ նման բան տեսել եմ։ Դա բավական էր, որպեսզի մարդ ամոթահար խորշեր մարդկային ցեղից։
 +
 +
 +
==Գլուխ քսանհինգերորդ==
 +
 +
 +
Երկու րոպեում լուրը տարածվեց ամբողջ ավանում, և կարելի էր տեսնել, թե ինչպես մարդիկ բոլոր կողմերից շնչակտուր վազում էին դեպի մեզ։ Մի քանիսը սերթուկները հագնում էին ճանապարհին։ Շուտով մեզ շրջապատեց մի ամբողջ բազմություն։ Ոտնաձայները զինվորական երթ էին հիշեցնում։ Պատուհաններն ու բակերը լիքն էին մարդկանցով․ ամեն րոպե մեկը, ցանկապատին կանգնած, ասում էր․
 +
 +
― Այդ նրա՞նք են։
 +
 +
Եվ մի ուրիշը, քայլելով ամբոխի հետ, գլուխը ետ դարձնելով պատասխանում էր․
 +
 +
― Կարող եմ գրազ գալ, որ նրանք են։
 +
 +
Երբ հասանք տուն, տան դիմացի փողոցը լցված էր մարդկանցով, և երեք աղջիկները կանգնած էին դռան առջև։ Մերի Ջեյնը շիկահեր էր, բայց դա նշանակություն չուներ․ կատարյալ գեղեցկուհի էր։ Նրա դեմքն ու աչքերը փայլում էին, ինչպես լուսապսակ։ Այնքա՜ն էր ուրախացել, որ հորեղբայրը եկել է։ Թագավորը տարածեց իր բազուկները, և Մերի Ջեյնը նետվեց նրա գիրկը, իսկ նապաստակի շրթունքներով աղջիկը վազեց դեպի դուքսը։ Ահա թե ինչպիսին էր նրանց ցնծությունը։ Մարդկանց մեծ մասը, համենայն դեպս բոլոր կանայք, ուրախությունից արտասվում էին․ չէ՞ որ վերջապես տեսան այդ հանդիպումը, արժանացան այդ նվիրական պահին։
 +
 +
Թագավորը կամաց կսմթեց դքսին (ես նկատեցի այդ), նայեց շուրջն ու տեսավ անկյունում երկու աթոռների վրա դրված դագաղը։ Նա և դուքսը, յուրաքանչյուրը մեկ ձեռքը մյուսի ուսին դնելով, մյուս ձեռքով արցունքները սրբելով, դանդաղ ու հանդիսավոր քայլեցին դեպի անկյունը։ Մարդիկ ետ էին քաշվում, որ նրանց տեղ տան։ Դադարեց ամեն աղմուկ ու խոսակցություն, մարդիկ ասում էին «սը՜սս»։ Բոլոր տղամարդիկ հանեցին գլխարկները, խոնարհեցին գլուխները։ Այնպիսի լռություն տիրեց, որ եթե գնդասեղ գետին ընկներ, ձայնը կլսվեր։ Թագավորն ու դուքսը, մոտենալով դիակին, կռացան ու նայեցին դագաղին, հետո այնպիսի աղաղակ բարձրացրին, որ կարելի էր լսել նոր Օռլեանում։ Ապա յուրաքանչյուրն իր բազուկներով գրկեց մյուսի պարանոցը և ծնոտները հենեցին մեկը մյուսի ուսին։ Երեք֊չորս րոպե արցունքներ հոսեցին նրանց աչքերից։ Ես երբեք չէի տեսել, որ տղամարդն այդքան առատ արտասուք թափի։ Նույն ձևով արտասվեցին և մյուսները։ Սենյակում այնպիսի խոնավություն էր զգացվում, որի նմանը երբեք չէի տեսել։ Նրանցից մեկը դագաղի մի կողմն անցավ, մեկն էլ՝ մյուս կողմը։ Ծունր իջան, ճակատները հենեցին դագաղին և սկսեցին աղոթքներ մրմնջալ, որ միայն իրենք էին լսում։ Նրանց այդ ողբը այնպես ազդեց ամբոխի վրա, որ հազիվ թե նման բան տեսած լինեք։ Բոլորը վայր ընկան ու սկսեցին հեկեկալ, այդ թվում և խեղճ աղջիկները։ Գրեթե բոլոր կանայք մոտեցան աղջիկներին և, առանց մի խոսք ասելու, հանդիսավոր տխրությամբ համբուրեցին ճակատները, ձեռքները դրեցին նրանց գլուխներին ու նայեցին վեր, դեպի երկինք։ Արցունքները գլորվեցին նրանց աչքերից։ Ապա փղձկացին ու հեռացան, հեկեկալով ու աչքերը սրբելով, տեղը զիջելով մյուսներին, որպեսզի սրանք էլ ցույց տան իրենց։ Ես երբեք այդքան զզվելի բան չէի տեսել։
 +
 +
Շուտով թագավորը վեր կացավ, մի փոքր առաջ եկավ և, հավաքելով ուժերը, դանդաղ սկսեց հիմարներին հրապուրող արտասվալից մի ճառ, թե ինչպես իր և իր խեղճ եղբոր համար վշտալի փորձություն է հանգուցյալի կորուստը, և որ չորս հազար մղոն երկարաձիգ ճանապարհորդությունից հետո չեն կարողացել հանգուցյալին կենդանի տեսնել։ Բայց դա այնպիսի մի փորձություն է, որը մեզ համար քաղցրացվում, սփոփվում ու սրբագործվում է այս թանկագին համակրանքով ու սուրբ արցունքներով․ ուստի նա իր և եղբոր կողմից ի սրտե շնորհակալություն է հայտնում, թեև խոսքով շնորհակալություն հայտնել չեն կարող․ բառերը շատ անզոր ու սառն են։ Եվ շարունակեց ասել նման դատարկ ու կեղտոտ բաներ, մինչև ուղղակի զզվեցրեց։ Հետո էլ ծոր տվեց կեղծ բարեպաշտական մի «ամեն» ու հեծկլտաց, իբր թե լացի նոպայից սիրտը ճաքում է։
 +
 +
Հենց որ նա ճառն ավարտեց, ամբոխի միջից մեկն սկսեց մի օրհներգ, և բոլորն իրենց ամբողջ կարողությամբ ձայնակցեցին։ Դա այնպես ջերմացրեց մարդկանց, որ կարծես եկեղեցուց նոր դուրս եկած լինեին։ Երաժշտությունը լավ բան է։ Այդ բոլորից հետո ինձ թվում էր, թե այդ չափազանց սիրալիր դատարկաբանությունները երբեք թարմացնող նշանակություն չունեցան և այնպես անկեղծ ու լավ տպավորություն չթողեցին։
 +
 +
Թագավորը նորից գործի դրեց իր ծնոտը, ասելով, թե ինչպես ինքը և իր եղբոր աղջիկներն ուրախ կլինեն, եթե այս ընտանիքի մերձավոր բարեկամներից մի քանիսը այս երեկո իրենց հետ ընթրեն և օգնեն կարգի բերելու հանգուցյալի աճյունը։ Ասաց, որ եթե այստեղ պառկած իր խեղճ եղբայրը կարողանար խոսել, ինքը կիմանար, թե ում անունը կտա։ Կան անուններ, որ շատ սիրելի էին նրան և որոնց մասին հաճախ հիշատակում էր իր նամակներում։ Նույն անունները կտա և ինքը, այն է՝ արժանապատիվ միստր Հոբսոնը, սարկավագ Լոթ Հովին, միստր Բեն Ռուքերը, Աբներ Շեքլֆորդը, Լեվի Բիլը, դոկտոր Ռոբինսոնը և այրի Բարթլին։
 +
 +
Արժանապատիվ Հոբսոնը և դոկտոր Ռոբինսոնն այդ ժամանակ ավանի մյուս ծայրում միասին որս էին անում․ դոկտորը մեկին մյուս աշխարհն էր ուղարկում, իսկ քարոզիչը ճանապարհ էր ցույց տալիս։ Օրենսգետ Բիլը գործով գնացել էր Լուիսվիլ։ Մնացածներն այնտեղ էին։ Բոլորը եկան թագավորի ձեռքը սեղմեցին, շնորհակալություն հայտնեցին ու խոսեցին հետը։ Սեղմեցին Դքսի ձեռքը, բայց ոչինչ չասացին, միայն ժպտացին և գլուխները շարժեցին, ինչպես փայտի ձողեր, մինչ դուքսը ձեռքերով ամեն տեսակի նշաններ արեց և ամբողջ ժամանակ կրկնում էր «գո՛ւ֊գո՛ւ֊գո՛ւ֊գո՛ւ», ինչպես երեխա, որը չի կարող խոսել։
 +
 +
Այսպես թագավորը շարունակեց բառաչել և կարողացավ հարցեր տալով բավական բան իմանալ ավանում ամեն ոքի և ամեն շան մասին, յուրաքանչյուրի մասին հարցնլով, անձամբ անունը տալով, հիշատակում էր ամեն տեսակի մանրուքներ, որ երբևէ տեղի էին ունեցել ավանում, Ջորջի կամ Պիտերի ընտանիքում, և միշտ հասկացնում էր, որ այդ բաները Պիտերն է իրեն գրել, բայց դա, իհարկե, սուտ էր։ Նա այս օրհնյալ լուրերն ամբողջովին կորզել էր այն բթամիտ երիատասարդից, որին մենք նավակով տարել էինք շոգենավը։
 +
 +
Մերի Ջեյնը դուրս բերեց հոր թողած նամակը, և թագավորը բարձրաձայն կարդաց ու լաց եղավ։ Ըստ նամակի, նա բնակարանը և երեք հազար դոլարը (ոսկով) թողնում էր աղջիկներին․ կաշեգործարանը (որը լավ եկամուտ էր բերում) մի քանի տների ու կալվածների հետ՝ յոթ հազար դոլար արժողությամբ, գումարած երեք հազար դոլար (ոսկով) կանխիկ դրամը թողնում էր Հարվիին ու Վիլյամին։ Նամակում գրված էր նաև, թե մառանում որտեղ է թաքցրած վեց հազար դոլար կանխիկ դրամը։ Այս երկու խարդախները հայտարարեցին, թե ուզում են գնալ դրամը բերել այստեղ և ամեն ինչ արդար կերպով բաժանել, ինչպես ասված է կտակում։ Ինձ պատվիրեցին վերցնել մոմն ու հետևել իրենց։ Մենք մառանի դուռը փակեցինք մեր ետևից, և երբ նրանք գտան ոսկու տոպրակն ու դրամը շաղ տվին հատակին, զմայլելի տեսարան բացվեց․ ամբողջովին դեղին ոսկի։ Ինչպե՜ս էին փայլում թագավորի աչքերը։ Նա հարվածեց դքսի ուսին և ասաց․
 +
 +
― Օ՜, սքանչելի է, չէ՞։ Ա՛յ ճարպկություն։ Ինչո՞ւ Բիլլի, մի՞թե «Ընձուղտից» ավելի մաքուր չէ։ Ի՞նչ կասեք։
 +
 +
Դուքսը համաձայնեց։ Նրանք ճանկում էին ոսկեդրամը, տեղավորում մատների արանքում և թողնում, որ զնգոցով ընկնի հատակին։ Թագավորն ասաց․
 +
 +
― Ի՞նչ միտք ունի այդպես խոսել, երբ գործը այնտեղ է հասել, երբ մենք եղբայրներ ենք հարուստ և մեռած մի մարդու, ներկայացուցիչները՝ կենդանի ժառանգների։ Ահա թե ինչ է նշանակում միշտ հավատալ նախախնամությանը։ Վերջին հաշվով դա ամենալավ բանն է։ Ես այս բոլորը փորձել եմ, և դրանից լավ միջոց չկա։
 +
 +
Ով էլ լիներ նրանց տեղը, գոհ կմնար ոսկու այդ կույտից և վստահորեն կընդուներ այն։ Բայց ոչ, այս մարդիկ պետք է հաշվեին։ Եվ հաշվեցին․ պակասում էր չորս հարյուր տասնհինգ դոլար։ Թագավորն ասաց․
 +
 +
― Անե՛ծք։ Որտե՞ղ կարող է պահած լինել չորս հարյուր տասնհինգ դոլարը։
 +
 +
Որոշ ժամանակ նրանք անհանգստացած էին այդ առթիվ։ Ամեն տեղ որոնեցին պակաս դրամը։ Այնուհետև դուքսն ասաց․
 +
 +
― Է՜հ, հիվանդ մարդ է եղել և հավանորեն սխալվել է, կարծում եմ, որ այդքանն է։ Ամենալավն այն կլինի, որ այդպես էլ մնա և ոչինչ չխոսենք այդ մասին։ Առանց դրա էլ հոժար ենք։
 +
 +
― Դատարկ բան է, իհարկե, առանց դրա էլ կարող ենք յոլա գնալ, այդ մասին չեմ մտածում, հաշվի մասին եմ մտածում։ Գիտեք, որ այստեղ մենք գործը մաքուր ենք անելու, ճիշտ։ Պետք է այս դրամը տանենք վեր և հաշվենք բոլորի ներկայությամբ․ այդ դեպքում կասկածելի ոչինչ չի մնա։ Բայց երբ հանգուցյալը գրել է, թե վեց հազար դոլար կա, ապա մենք չենք ուզում․․․
 +
 +
― Սպասեցե՛ք, ― ասաց դուքսը, ― եկեք այս պակասը լրացնենք, ― և նա սկսեց գրպանից դուրս բերել դեղին ոսկիներ։
 +
 +
― Զարմանալիորեն լավ միտք է, դուքս։ Դուք ձեր ուսերի վրա կրում եք չափազանց խելացի գլուխ, ― ասաց թագավորը, ― անիծվեմ, թե հին «Ընձուղտը» նորից չի օգնում մեզ, ― և ինքն էլ գրպանից դուրս բերեց դեղին ոսկիեր ու ավելացրեց կույտի վրա։
 +
 +
Այդ բանը գրեթե դատարկեց նրա գրպանները, բայց դրա փոխարեն վեց հազարը լրացվել էր։
 +
 +
― Լսեցեք, ես այլ կարծիք ունեմ։ Գնանք վերև, հաշվենք դրամը և տանք աղջիկներին, ― ասաց դուքսը։
 +
 +
― Աստվա՜ծ իմ, դուքս, թույլ տվեք գրկախառնվել ձեզ հետ։ Դա ամենաապշեցուցիչ առաջարկությունն է, որ երբևէ կատարվել է մարդու կողմից։ Ձեր ուսերի վրա է մարդկային ամենազարմանալի գլուխը, որ ես երբևէ տեսել եմ։ Դա ամենալավն է․ ոչ մի սխալ չկա։ Այժմ, եթե ուզում են, թող երևան բերեն իրենց կասկածները։ Այս փաստը ամեն ինչ կփարատի։
 +
 +
Երբ բարձրացանք վեր, բոլորը հավաքվեցին սեղանի շուրջը։ Թագավորը հաշվեց դրամը և սյունակների ձևով շարեց սեղանի վրա։ Ստացվեց քսան գեղեցիկ, փոքրիկ սյունակ։ Ամեն ոք անհագ աչքերով նայում էր դրանց ու լիզում շրթունքները։ Այնուհետև թագավորն ու դուքսը հավաքեցին ոսկին, նորից լցրին տոպրակը։ Ես տեսնում էի, թե ինչպես թագավորը ուռչում էր մի նոր ճառ ասելու ցանկությունից։ Նա ասաց․
 +
 +
― Բարեկամներ, իմ խեղճ եղբայրը, որ պառկած է դագաղում, վշտի այս հովտում մեծահոգություն է ցուցաբերել մնացածների նկատմամբ։ Նա մեծահոգի է եղել այս խեղճ փոքրիկ գառնուկների հանդեպ, որոնց սիրել ու ապաստանել է, և որոնք չեն ունեցել ո՛չ հայր, ո՛չ մայր։ Այո, և մենք, որ ճանաչում էինք նրան, գիտենք․ նա ավելի առատաձեռն կլիներ նրանց նկատմամբ, եթե չվախենար, որ դրանով նեղացրած կլիներ իր սիրելի Վիլյամին ու ինձ։ Ճիշտ չէ՞։ Այդ առթիվ ես մազաչափ անգամ կասկած չունեմ։ Դե՛հ, ուրեմն, այժմ ինչպիսի՞ եղբայրներ պիտի լինենք մենք, որ նման պարագայում նրա ցանկություններին հակառակ գնանք։ Եվ ինչպիսի՞ եղբայրներ պիտի լինենք, որ կողոպտենք, այո, կողոպտենք այս խեղճ, անուշիկ գառնուկներին, որոնց նա այնքա՜ն սիրում էր։ Եթե ես ճանաչում եմ Վիլյամին, և կարծում եմ, որ ճանաչում եմ, նա․․․ Լավ, հիմա կհարցնեմ նրան։
 +
 +
Նա շուռ եկավ և ձեռքի շարժումներով սկսեց ինչ֊որ բան հասկացնել։ Դուքսը նայում էր ապուշ հայացքով։ Հանկարծ թվաց, թե հասկացավ եղբոր ասածները և ցնծությամբ նետվեց դեպի թագավորը՝ ամբողջ ուժով կրկնելով «գո՛ւ֊գո՛ւ» և տասնհինգ անգամ ողջագուրեց, մինչև ազատ թողեց նրան։ Թագավորն ասաց․
 +
 +
― Ես այդպես էլ գիտեի։ Կարծում եմ, որ նրա այս վարմունքը բոլորին կհամոզի, թե նա ինչպես է մոտենում այս հարցին։ Ահա, Մերի Ջեյն, Սյուզաննա, Ջոաննա, վերցրեք այս դրամը, վերցրեք բոլորը։ Դա նվերն է այն մարդու, որ պառկած է այնտեղ, դագաղում՝ սառած, բայց ցնծությամբ լի։
 +
 +
Մերի Ջեյնը վազեց դեպի թագավորը, Սյուզաննան ու Նապաստակաշուրթը վազեցին դեպի դուքսը, և դրան հաջորդեց այնպիսի մի ողջագուրանք, համբյուրների այնպիսի տեղատարափ, որպիսին ես մինչ այդ չէի տեսել։ Մարդիկ արտասվալից աչքերով խռնվել էին, և շատերը մոտեցան, սեղմեցին այս խարդախ մարդկանց ձեռքերը, անընդհատ կրկնելով․
 +
 +
― Օ՜, սիրելի՜, բարի՜ հոգիներ, որքա՜ն սքանչելի է։ Ինչպե՜ս կարողացաք այդպես վարվել։
 +
 +
Այնուհետև բոլորը նորից սկսեցին խոսել հանգուցյալի մասին, թե նա որքան բարի էր, ինչպիսի կորուստ է նրա մահը և նման բաներ։ Որոշ ժամանակից հետո դրսից ներս խցկվեց բարձրահասակ մի մարդ, երկաթանման ծնոտով, և կանգնեց մեջտեղը, ունկնդրելով ու նայելով շրջապատին, առանց որևէ բան ասելու։ Նրան ոչ ոք չդիմեց։ Թագավորը խոսում էր, և բոլորը զբաղված էին ճառն ունկնդրելով։ Թե ինչից սկսեց թագավորը, չեմ հիշում։ Շարունակության մեջ ասաց․
 +
 +
― ․․․ նրանք հանգուցյալի ամենամտերիմ ընկերներն էին։ Ահա թե ինչու այս երեկո նրանք հրավիրված են այստեղ։ Իսկ վաղն ուզում ենք, որ բոլորը գան, ամեն ոք, որովհետև նա հարգում էր բոլորին, սիրում էր բոլորին, ուստի մենք ցանկանում ենք, որ նրա հոգեհանգստյան խնջույքին բոլորը գան։
 +
 +
Եվ շարունակեց շաղակրատել։ Նրան դուր էր գալիս իրեն ունկնդրելը։ Այնքան հաճախ հիշատակեց «հոգեհանգստյան խնջույք» բառերը, մինչև դուքսը այլևս չկարողացավ համբերել և թղթի մի փոքրիկ կտորի վրա գրեց․ «Հոգեհանգստյան հացկերույթ, ծերուկ հիմար», ծալեց թուղթն ու շարունակելով իր «գո՛ւ֊գո՛ւ», մարդկանց գլուխների վրայով այն հասցրեց թագավորին։ Թագավորը կարդաց, դրեց իր գրպանն ու ասաց․
 +
 +
― Խե՜ղճ Վիլյամ, որքան էլ վշտացած՝ սիրտը միշտ ցավում է ուրիշների համար։ Ինձ խնդրում է բոլորին գրել, որ գան հուղարկավորությանը, ուզում է, որ բոլորը սիրալիր ընդունելություն գտնեն։ Բայց նա անհանգստանալու կարիք չունի։ Ես արդեն մտադիր էի հրավիրել բոլորին։
 +
 +
Նա նորից սկսեց իր ոստայնը հյուսել կատարելապես խաղաղ և հաճախ նորից խճճվեց իր «հոգեհանգստյան խնջույքների» մեջ։ Եվ երբ երրորդ անգամ կրկնեց այդ, ասաց․
 +
 +
― Ես հոգեհանգստյան խնջույք եմ ասում, ոչ թե նրա համար, որ դա է ընդունված ձևը։ Հոգեհանգստյան հացկերույթն ավելի հասարակ բառ է։ Ես այդպես եմ ասում նրա համար, որ սա ճիշտ դարձվածք է։ Այժմ Անգլիայում «հացկերույթ» բառն այլևս չեն օգտագործում։ Անգլիայում այժմ ասում են խնջույք։ Հոգեհանգստյան խնջույնքն ավելի լավ է, որովհետև դա ավելի ճիշտ է։ Դրա իմաստը գալիս է հունական orgo բառից, որ նշանակում է «դուրս», «բաց», «հեռու»։ Իսկ եբրայերեն jeesum  նշանակում է «տնկել», «ծածկել», այսինքն՝ թաղել։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, հոգեհանգստյան խնջույքը բաց է, որտեղ կարող են բոլորը ներկա լինել։
 +
 +
Նա երբեք այդքան գարշելի չէր թվացել ինձ։ Ինչ որ է, խոժոռ ծնոտով մարդը ուղղակի ծիծաղեց նրա երեսին։ Բոլորը ցնցվեցին, ասելով․
 +
 +
― Ինչո՞ւ այդպես, դոկտոր։
 +
 +
Իսկ Էբներ Շեքլֆորդն ասաց․
 +
 +
― Ի՞նչ է պատահել ձեզ, Ռոբինսոն, մի՞թե չեք լսել։ Սա Հարվի Վիլքսն է։
 +
 +
Թագավորը անձկալի մի ժպիտ արձակեց, տարածեց թևը և ասաց․
 +
 +
― Սա իմ խեղճ եղբոր սիրելի, բարի ընկերն է, բժիշկը։ Ես․․․
 +
 +
― Ձեռքերդ հեռո՛ւ, ― ասաց բժիշկը, ― դուք խոսում եք այնպես, կարծես անգլիացի լինեք, այո։ Բայց դա նմանվելու իմ երբևէ լսած ամենաանհաջող փորձն է։ Ինչպե՞ս չէ, Պիտեր Վիլքսի եղբայն եք։ Դուք խարդախ սրիկա եք, ուրիշ ոչինչ։
 +
 +
Ինչպիսի՜ հուզմունք առաջացրեց դա մարդկանց մեջ։ Բոլորը հավաքվեցին բժշկի շուրջը և աշխատում էին հորդորել, փորձում էին բացատրել, որ նա է, ասում էին, թե ինչպես Հարվին քառասուն օրինակով ու ձևերով ցույց է տվել, որ ինքը Հարվին է, որ նա բոլորին էլ ճանաչում է անուններով, նույնիսկ գիտե շների անունները։ Նորից ու նորից նրանք խնդրեցին բժշկին չվիրավորել Հարվիի, ինչպես և խեղճ աղջիկների զգացմունքները։ Բայց այդ բոլորն իզուր էր։ Նա շարունակեց իր հարձակումը և ասաց, որ անծանոթն անգլիացի է ձևանում, և եթե մեկն այդքան անշնորհք ձևով է նմանեցնում իր արտասանությունը, ապա այդպիսի մարդը խարդախ ու ստախոս է։ Խեղճ աղջիկները կախվել էին թագավորից ու լաց էին լինում։ Բժիշկը դարձավ աղջիկների կողմն ու ասաց․
 +
 +
― Ես ձեր հոր բարեկամն էի, ձեր բարեկամն եմ և զգուշացնում եմ ձեզ որպես բարեկամ և ազնիվ մարդ, որն ուզում է պաշտպանել ձեզ և հեռու պահել չարիքից ու նեղությունից։ Զգուշացնում եմ ձեզ հեռու մնալ այդ սրիկայից և ոչ մի գործ չունենալ նրա հետ, հեռու այդ տխմար թափառաշրջիկից, որը անհեթեթություններ է դուրս տալիս հունարեն ու եբրայերեն բառերով, ինչպես ինքն է դրանք անվանում։ Այս մարդը ամենացանցառ խաբեբաներից է, այստեղ է եկել բազմաթիվ դատարկ անուններով ու փաստերով, որ հավաքել է ինչ֊որ տեղից, և դուք նրա ասածներն ընդունում եք որպես ապացույց։ Իսկ այստեղի մեր հիմար բարեկամները օգնում են, որ դուք ինքներդ ձեզ խաբեք, այն ժամանակ, երբ նրանք պարտավոր էին ավելի լավ իմանալ այս բանը։ Մերի Ջեյն Վիլքս, դուք ինձ ճանաչում եք որպես ձեր բարեկամի, ձեր անշահախնդիր բարեկամի։ Այժմ լսեցեք․ այս ողորմելի սրիկային դուրս արեք այստեղից, խնդրում եմ։ Կանե՞ք։
 +
 +
Մերի Ջեյնն ամբողջ մարմնով ուղղվեց։ Որքա՜ն գեղեցիկ էր։ Նա ասաց․
 +
 +
― Իմ պատասխանն այս է։ ― Եվ նա վերցրեց դրամի տոպրակը, դրեց թագավորի ձեռքն ու ասաց, ― վերցրեք այս վեց հազար դոլարը և իմ ու իմ քրոջ անունով շրջանառության մեջ դրեք, ինչ ձևով որ ուզում եք, և մեզ ոչ մի ստացական մի տվեք։
 +
 +
Նա գրկեց թագավորին։ Մյուս կողմից նույն բանն արին Սյուզաննան և Նապաստակաշուրթը։ Բոլորը ծափահարեցին և ոտքերով դոփեցին հատակը։ Կատարյալ փոթորիկ բարձրացավ։ Իսկ թագավորը բարձրացրեց գլուխը և հպարտորեն ժպտաց։ Բժիշկն ասաց․
 +
 +
― Լավ, ես լվանում եմ ձեռքերս, բայց նորից զգուշացնում եմ, որ կգա ժամանակը, երբ դուք, ամեն անգամ հիշելով այս օրը, հիվանդ կզգաք ձեզ։
 +
 +
― Լավ, բժիշկ, ― ասաց թագավորը, բարի ժպիտով ծաղրելով նրան, ― այդ դեպքում կաշխատենք մեկին ուղարկել որ ձեզ կանչի։
 +
 +
― Բոլորը ծիծաղեցին ու ասացին, որ հարվածը ճիշտ նպատակին հասավ։
 +
 +
 +
==Գլուխ քսանվեցերորդ==
 +
 +
 +
Երբ բոլորը գնացին, թագավորը Մերի Ջեյնին հարցրեց, թե ազատ սենյակներ ունե՞ն։ Մերի Ջեյնը պատասխանեց, որ մի ազատ սենյակ կա, որ հարմար է հորեղբայր Վիլյամի համար, հորեղբայր Հարվիին էլ կհատկացնի իր սենյակը, որը քիչ ավելի ընդարձակ է, իսկ ինքը կգնա քույրերի սենյակը և կքնի ծալովի մահճակալի վրա։ Ձեղնահարկում, ասաց նա, կա մի փոքր խուց, որտեղ դրված է հարդով լցված ներքնակ։ Թագավորն ասաց, որ դա էլ հարմար է իր սպասավորի համար (սպասավորը, իհարկե, ես էի)։
 +
 +
Մերի Ջեյնը մեզ առաջնորդեց դեպի վերնահարկ և նրանց ցույց տվեց իրենց սենյակները, որոնք թեև անշուք, բայց հաճելի էին։ Նա ասաց, որ ինքն այնտեղից կտանի իր շորերը և շատ այլ բաներ, եթե նրանք հորեղբայր Հարվիին նեղություն տան։ Բայց վերջինս ասաց, որ չեն խանգարի։ Շորերը կախված էին պատից և ծածկված չթե վարագույրով, որն իջնում էր մինչև հատակը։ Անկյունում դրված էր մազոտ կաշվով պատած մի սնդուկ, իսկ մյուսում կիթառի մի պատյան։ Ամենուրեք երևում էին զանազան փոքրիկ խաղալիքներ ու մանր֊մունր բաներ, որոնցով աղջիկները սիրում են  զարդարել իրենց սենյակները։ Թագավորն ասաց, որ սենյակն այդպես ավելի դուրեկան է, ավելի հաճելի, և կարիք չկա իրերը տեղից շարժել։ Դքսի սենյակը թեև բավական փոքր էր, բայց լավն էր։ Իմ տեղը նույնպես վատը չէր։
 +
 +
Այդ երեկո նրանք մեզ ընթրիքի էին հրավիրել, և բոլոր տղամարդիկ ու կանայք ներկա էին։ Ես կանգնել էի թագավորի ու դքսի աթոռների ետևում և սպասարկում էի նրանց, իսկ մնացածներին ծառայում էին նեգրերը։ Սեղանի գլխին, Սյուզաննայի հետ, նստած էր Մերի Ջեյնը։ Նա անընդհատ ասում էր, որ թխվածքն անհաջող է, պահածոն բանի պետք չէ, տապակած հավերը չոր են և նման բաներ, մի խոսքով՝ այն, ինչ սովորաբար ասում են կանայք, երբ ուզում են հաճոյախոսություններ լսել։ Մինչդեռ բոլորը գիտեն, որ ամեն ինչ լավագույն ձևով էր պատրաստած, և ասում էին․ «Ինչպե՞ս եք կարողանում թխվածքն այսպես կարմրացնել։ Որտեղի՞ց եք ձեռք բերել թթու դրած այս հիանալի վարունգները»։ Եվ շարունակվեց կեղծ փաղաքշական զրույցը, ինչպես դա սովորաբար լինում է ընթրիքի ժամանակ։
 +
 +
Երբ ընթրիքը վերջացավ, ես Նապաստակաշուրթի հետ գնացի խոհանոց ընթրելու, իսկ մյուսներն օգնում էին սեղանները մաքրող նեգրերին։ Նապաստակաշուրթն սկսեց հարցուփորձ անել Անգլիայի մասին։ Մտածեցի, որ բանս բուրդ է։ Նա ասաց․
 +
 +
― Դու երբևէ տեսե՞լ ես թագավորին։
 +
 +
― Որի՞ն, Վիլհելմ Չորրորդի՞ն։<ref>Վիլհելմ Չորրորդ ― Անգլիայի թագավոր (1830-1837)։</ref> Իհարկե, նա մեր եկեղեցին է գալիս։
 +
 +
Ես գիտեի, որ նա մեռել է, բայց այդ մասին ոչինչ չասացի։ Երբ աղջիկն իմացավ, որ թագավորը մեր եկեղեցին է գալիս, հարցրեց․
 +
 +
― Մի՞շտ։
 +
 +
― Այո, միշտ։ Նրա նստարանը մեր նստարանի դիմաց է, ամբիոնի մյուս կողմում։
 +
 +
― Իսկ ես մինչ այդ կարծում էի, թե նա Լոնդոնում է ապրում։
 +
 +
― Այո, իհարկե, էլ որտե՞ղ պիտի ապրեր։
 +
 +
― Բայց չէ՞ որ դուք Շեֆֆիլդում եք բնակվում։
 +
 +
Ես զգացի, որ կոճղի եմ դեմ առել։ Ստիպված եղա ձևացնել, թե իբրև հավի ոսկորը խեղդում է ինձ, որպեսզի ժամանակ ունենայի մտածելու, թե ինչպես դուրս գամ ծուղակից։ Ապա ասացի․
 +
 +
― Ուզում եմ ասել, թե երբ Շեֆֆիլդ է գալիս, միշտ մեր եկեղեցին է հաճախում։ Դա ամռանն է լինում, երբ գալիս է այնտեղ՝ ծովային լոգանք ընդունելու։
 +
 +
― Է՜հ, ինչե՜ր ես ասում։ Չէ՞ որ Շեֆֆիլդը ծովափնյա քաղաք չէ։
 +
 +
― Իսկ ո՞վ է ասում, թե ծովափնյա է։
 +
 +
― Դու չասացի՞ր։
 +
 +
― Ոչ, բոլորովին։
 +
 +
― Ասացիր։
 +
 +
― Չեմ ասել։
 +
 +
― Ասացիր։
 +
 +
― Ես երբեք այդպիսի բան չեմ ասել։
 +
 +
― Հապա ի՞նչ ասացիր։
 +
 +
― Ասացի, որ գալիս է ծովային լոգանք ընդունելու, ահա թե ինչ ասացի։
 +
 +
― Լավ, իսկ ինչպես է նա ծովային բաղանիք ընդունում, երբ քաղաքը ծովափին չէ։
 +
 +
― Ինձ նայիր, ― ասացի ես, ― դու տեսած կա՞ս կոնգրեսաջուր։<ref>Նյու֊Յորքի մոտ Կոնգրես կոչվող աղբյուրի ջուրը, որն աղի է։</ref>
 +
 +
― Այո։
 +
 +
― Իսկ այդ ջուրը ձեռք բերելու համար Կոնգրե՞ս եք գնում։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Դեհ, ոչ էլ Վիլհելմ Չորրորդն է ծովափ գնում՝ ծովային լոգանք ընդունելու։
 +
 +
― Հապա ինչպե՞ս։
 +
 +
― Այնպես, ինչպես այստեղ մարդիկ կոնգրեսաջուր են ճարում․ տակառներով են բերում։ Շեֆֆիլդի պալատում պատրաստել են կաթսաներ։ Թագավորն ուզում է, որ ջուրը տաք լինի։ Ծովափին հնարավոր չէ մեծ քանակությամբ ջուր տաքացնել, հարմարություններ չկան։
 +
 +
― Ա՜յ, հիմա հասկացա։ Դու այդ կարող էիր սկզբում ասել, և մենք զուր ժամանակ չէինք վատնի։
 +
 +
Երբ նա այդ ասաց, ես ինձ զգացի այնպես, կարծես դուրս եկա անանցանելի անտառից։ Արդեն հանգիստ էի և ուրախ։
 +
 +
Հետո աղջիկը շարունակեց․
 +
 +
― Դո՞ւ էլ ես եկեղեցի գնում։
 +
 +
― Այո, ― պատասխանեցի ես։
 +
 +
― Որտե՞ղ ես նստում։
 +
 +
― Մեր նստարանին։
 +
 +
― Ո՞ւմ նստարանին։
 +
 +
― Մեր, ձեր հորեղբայր Հարվիի նստարանին։
 +
 +
― Նրա նստարանի՞ն։ Իսկ նրա ինչի՞ն է պետք նստարան։
 +
 +
― Նստելու համար։ Իսկ քո կարծիքո՞վ։
 +
 +
― Ոչինչ։ Կարծում էի, թե նա քարոզչական ամբիոնի առջև կլինի։
 +
 +
Գրողը տանի։ Մոռացել էի, որ այդ մարդը քարոզիչ է։ Նորից դեմ առա կոճղի։ Նորից ձևացրի, թե հավի ոսկոր է մնացել կոկորդումս․ մտածելու ժամանակ էր պետք։ Ապա ասացի․
 +
 +
― Է՛հ, կարծում ես, թե եկեղեցում միայն մեկ քարոզի՞չ կա։
 +
 +
― Ինչո՞ւ, ավելին լինելու կարիք չկա։
 +
 +
― Ինչպե՞ս թե։ Հապա միայն թագավորի՞ համար քարոզ կարդան։ Ես քեզ նման աղջիկ դեռ չեմ տեսել։ Տասնյոթ քարոզչից պակաս չեն լինում։
 +
 +
― Տասնյո՜թ։ Աստվա՜ծ իմ։ Ես երբեք չէի ուզենա այդքան երկար նստել, նույնիսկ եթե զրկվեի երկնային արքայությունից։ Մի շաբաթ է պետք, որ բոլորին լսես։
 +
 +
― Պա՛հ։ Հո բոլորը նույն օրը չե՞ն խոսում․ միայն մեկը։
 +
 +
― Լավ, իսկ մյուսներն ի՞նչ են անում։
 +
 +
― Առանձնապես ոչինչ։ Ծուլորեն դես֊դեն են պտտվում։ Դրամատուփն են ման ածում և նման բաներ։ Բայց հիմնականում ոչինչ չեն անում։
 +
 +
― Ուրեմն՝ էլ ինչի՞ համար են։
 +
 +
― Է՛հ, ձևի համար, չգիտե՞ս։
 +
 +
― Ես այդպիսի հիմար բան գիտենալ չեմ ուզում։ Ինչպե՞ս են ծառաների հետ վարվում։ Ավելի լավ չե՞ն վարվում, քան մենք՝ նեգրերի հետ։
 +
 +
― Ոչ։ Ծառան այնտեղ մարդահաշիվ չէ։ Ավելի վատ են վարվում, քան շների հետ։
 +
 +
― Տոնական օրեր չե՞ն տալիս, ինչպես մենք ենք տալիս՝ ծնունդ, Նոր տարի, հուլիսի չորսը։
 +
 +
― Է՛հ, այնպես ես խոսում, որ լսողը կկարծի, թե դու երբեք Անգլիայում չես եղել։ Նրանք, Նապաստակա․․․ Ջոաննա, ամբողջ տարին, սկզբից մինչև վերջ, ոչ մի տոն օր չեն տեսնում, երբեք կրկես չեն գնում, ո՛չ թատրոն, ո՛չ էլ նեգրերի ձեռնածուական խաղերի են գնում, ո՛չ մի  տեղ։
 +
 +
― Եկեղեցի՞ էլ չեն գնում։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Բայց դու միշտ գնացել ես։
 +
 +
Նորից շփոթվեցի։ Մոռացել էի, որ ես ծերունու ծառան եմ։ Բայց իսկույն գլխի ընկա, բացատրեցի, թե ինչպես սպասավորը սովորական ծառայից տարբերվում է, և որ ես պարտավոր էի եկեղեցի գնալ, անկախ այն բանից՝ ուզո՞ւմ էի, թե՞ ոչ և, որպես օրենք, նստել ընտանիքի հետ։ Բայց իմ բացատրությունն այնքան էլ հաջող չէր․ երբ վերջացրի, նկատեցի, որ նա դրանից գոհ չէ։ Նա ասաց․
 +
 +
― Ասա «ազնիվ խոսք», որ դու ինձ մոտ ստեր չես դուրս տվել։
 +
 +
― Ազնիվ խոսք, ― ասացի ես։
 +
 +
― Ոչ մի սո՞ւտ։
 +
 +
― Ոչ մի, ասածիս մեջ սուտ չկա, ― պատասխանեցի ես։
 +
 +
― Ձեռքդ այս գրքի վրա դիր և ապա ասա։
 +
 +
Ես տեսա, որ դա բառարան էր, ուստի ձեռքս դրեցի վրան ու կրկնեցի։ Այժմ նա փոքր֊ինչ ավելի գոհ էր և ասաց․
 +
 +
― Լավ, հիմա պատմածիդ մի մասին հավատում եմ։ Բայց ամբողջովին երբեք չեմ հավատա։
 +
 +
― Իսկ ինչի՞ն չես հավատա, Ջո, ― Սյուզաննայի հետ ներս մտնելով ասաց Մերի Ջեյնը, ― ճիշտ չէ, ոչ էլ վայելուչ, երբ դու այս ձևով ես խոսում մի օտարական տղայի հետ, որն այնքան հեռու է իր հարազատներից։ Քեզ դուր կգա՞ր, որ քեզ  հետ այսպես վարվեին։
 +
 +
― Դու միշտ այդպես ես, Մերի, միշտ վազում ես օգնելու մեկին, որին ոչ ոք չի վիրավորել։ Ես ոչինչ չեմ արել։ Իմ կարծիքով, նա մի քանի անհավատալի բան պատմեց, ես էլ ասացի, որ ամեն ինչի չեմ հավատա։ Ահա ամբողջը, ուրիշ ոչինչ չեմ ասի։ Կարծում եմ, որ նման չնչին դիտողությունից չի նեղանա, այնպես չէ՞։
 +
 +
― Ինձ համար նշանակություն չունի՝ մեծ բան է, թե փոքր․ նա մեր տանը օտարական է, և քո կողմից լավ բան չէ այդպես խոսել։ Եթե դու նրա տեղը լինեիր, ամոթահար կզգայիր քեզ։ Ուստի ոչինչ չպետք է ասել մեկին, որը դրանից կամաչի։
 +
 +
― Է՛հ, Մերի, նա ասաց․․․
 +
 +
― Նշանակություն չունի, թե ինչ ասաց։ Բանն այդ չէ։ Դու պետք է բարի լինես նրա նկատմամբ և չասես այնպիսի խոսքեր, որ նա հիշի, թե իր երկրում, իր ժողովրդի մեջ չէ։
 +
 +
Մտքումս ասացի․ «Եվ ես թույլ եմ տալիս, որ այս աղջկան կողոպտի այդ ծեր սողունը»։ Այնուհետև Մերի Ջեյնը փոխեց խոսելու եղանակը և շարունակեց իր հաճելի, քաղցր զրույցը, բայց երբ վերջացրեց, խեղճ Նապաստակաշուրթին ասելու բան չթողեց։ Եվ սա սկսեց հեկեկալ։
 +
 +
― Լավ, ― ասացին մյուս աղջիկները, ― միայն ներողություն խնդրիր, ուրիշ ոչինչ։
 +
 +
Նա ներողություն խնդրեց և այն էլ ի՜նչ շնորհալի ձևով։ Այնքան գեղեցիկ արտասանեց բառերը, որ լսողի խելքը կգնար։ Եվ ցանկություն զգացի հազար ու մի սուտ ասել, միայն թե նա դարձյալ ներողություն խնդրեր։
 +
 +
Մտքումս ասացի․ «Ահա մեկ ուրիշն էլ, որին ես թույլ եմ տալիս կողոպտելու»։ Երբ նա վերջացրեց, բոլորը իրենց այնպես էին պահում, որ ես ինձ զգամ իմ տանը, իմ բարեկամների մեջ։ Ես ինձ զգացի այնպես նվաստացած, այնքան ստոր, որ մտքումս որոշեցի այդ դրամը թաքցնել նրանց հանձնելու համար, այլապես կմեռնեմ։
 +
 +
Ես բաժանվեցի նրանցից, ասելով, որ քնելու ժամանակ է։ Երբ մենակ մնացի, նորից սկսեցի մտածել այդ մասին։ Ինքս ինձ ասացի, թե արդյո՞ք պետք է առանձին գնալ բժշկի մոտ և մերկացնել խարդախ մարդկանց։ Ոչ, դա հարմար չէ։ Բժիշկը կարող է ասել, թե որտեղից է իմացել, որից հետո թագվորն ու դուքսը ճաշս կեփեն։ Չգնա՞մ Մերի Ջեյնի մոտ և ամեն ինչ պատմեմ։ Ոչ, այդ անիմաստ է․ նրա դեմքի արտահայտությունից թագավորն ու դուքսը, անկասկած, կհասկանան ամեն ինչ։ Դրամը նրանց մոտ է, և անմիջապես կծլկեն։ Եթե Մերին օգնություն կանչելու կարիք ունենա, ինձ էլ գործի մեջ կխառնեն, նախքան հարցը կպարզվի։ Ոչ, միայն մի լավ միջոց է մնում․ ես պետք է մի կերպ գողանամ այդ դրամը և այնպես անեմ, որ չկասկածեն։ Այդ խարդախներն այստեղ լավ գործ են գտել և դուրս չեն գա մինչև այս ընտանիքն ու ավանը լրիվ չկողոպտեն, այնպես որ հարմար առիթի համար ինձ շատ ժամանակ կա։ Ես պետք է գողանամ այդ դրամը, թաքցնեմ։ Երբ գետով բավական հեռացած կլինեմ, նամակ կգրեմ և Մերի Ջեյնին կհայտնեմ, թե դրամը որտեղ է թաքցրած։ Բայց ավելի լավ է այս գիշեր գողանամ, եթե կարողանամ, որովհետև բժիշկը գուցե այնպես ձեռ քաշած չլինի նրանց հետապնդելուց, ինչպես ցույց է տալիս։ Կարող է վախեցնել, և նրանք կփախչեն ու դրամը կտանեն։
 +
 +
Վճռեցի գնալ, խուզարկել նրանց սենյակները։ Չնայած վերևի սրահը մութն էր, ես գտա դքսի սենյակը և սկսեցի ձեռքերով շոշափել շրջապատը։ Բայց մտաբերեցի, որ ամենայն հավանականությամբ թագավորը, իրենից բացի, ոչ ոքի չի վստահի դրամը։ Ուստի գնացի նրա սենյակը և այնտեղ սկսեցի շոշափելով որոնել։ Բայց տեսնում էի, որ առանց մոմի բան դուրս չի գա, իսկ մոմ վառել, իհարկե, չէի համարձակվում։ Ուստի մտադրությունս փոխեցի․ կհետևեմ, թե ինչ են անում, ինչ են խոսում։ Այդ ժամանակ լսեցի ոտնաձայն և պատրաստվում էի թաքնվել մահճակալի տակ, բայց մահճակալը այնտեղ չէր դրված, ուր, իմ կարծիքով, պիտի լիներ։ Ես շոշափեցի վարագույրը, որով ծածկված էին Մերի Ջեյնի շրջազգեստները։ Արագ անցա վարագույրի ետևը, սեղմվեցի շրջազգեստների մեջ և անշարժ կանգնեցի։
 +
 +
Նրանք ներս մտան ու փակեցին դուռը։ Դքսի առաջին գործը եղավ կռանալ ու նայել մահճակալի տակ։ Ես շատ ուրախ էի, որ մահճակալը չէի գտել, երբ ուզեցի թաքնվել այնտեղ։ Նրանք նստեցին, և թագավորն ասաց․
 +
 +
― Դե՛հ, ի՞նչ եք ասում, կարճ կապենք․ մեզ համար ավելի լավ է իջնել ներքև և ողբալ, քան այստեղ լինել և առիթ տալ նոր խոսակցությունների։
 +
 +
― Այա թե ինչ, Կապետ, ես շատ եմ անհանգստանում։ Այդ բժիշկը մտքիցս չի հեռանում։ Ուզում եմ ձեր ծրագիրն իմանալ։ Ես, իհարկե, ունեմ իմ կարծիքը և մտածում եմ, որ առողջ կարծիք է։
 +
 +
― Ո՞րն է ձեր տեսակետը, դուքս։
 +
 +
― Այն, որ մեր ձեռք բերածով ծլկենք այստեղից մինչև առավոտյան ժամը երեքը և գետով արագ իջնենք, հատկապես նկատի ունենալով, որ դրամը շատ հեշտ ձեռք բերինք․ նրանք մեզ վերադարձրին ամբողջը, կարելի է ասել շպրտեցին մեր գլխներին, այն ժամանակ, երբ մենք մտադիր էինք ետ ստանալ գողանալով։ Ես կողմնակից եմ հաշիվը փակելուն և այստեղից ծլկելուն։
 +
 +
Դքսի այս խոսքերը բավական վատ հնչեցին ականջիս։ Մոտ մեկ֊երկու ժամ առաջ դրությունը փոքր֊ինչ այլ էր, բայց այժմ ինձ վատ էի զգում․ դուքսն ինձ հուսախաբ արեց։ Թագավորը գոռաց ու ասաց․
 +
 +
― Ի՞նչ, և չվաճառել սեփականության մնացած մա՞սը, հա՞։ Այստեղից հեռանալ ապուշների պես և թողնել ութ կամ ինը հազար դոլարի արժողության սեփականությունը, ինչպես և վաճառման ենթակա սքանչելի բաները, որպեսզի շահադիտական նպատակների նյութ դառնան։
 +
 +
Դուքսը շարունակեց քրթմնջալ։ Ասաց, որ ոսկու պարկը բավական է և ավելի խորանալու կարիք չկա․ չի ցանկանում այս որբերին կողոպտել մինչև վերջին ունեցվածքը։
 +
 +
― Ինչե՜ր եք ասում, դուքս, ― ասաց թագավորը, ― մենք նրանց ոչնչից չենք զրկի, բացի այս դրամից։ Տուժողները կլինեն նրանք, որոնք կգնեն այդ ունեցվածքը։ Երբ պարզվի, որ դա մերը չէ, և դա կիմացվի, հենց մենք այստեղից ծլկենք, վաճառքը չեն վավերացնի, ամեն ինչ կվերադարձնեն տերերին։ Ձեր այս որբերը ետ կստանան իրենց տունը և դա նրանց բավական է․ նրանք երիտասարդ են, տոկուն, և հեշտությամբ կարող են ձեռք բերել իրենց ապրուստը։ Նրանք նեղության մեջ չեն ընկնի։ Մի րոպե պատկերացրեք․ հազարավոր մարդիկ կան աշխարհում, որոնք շատ ավելի վատ վիճակում են։ Մա՛րդ աստծո, այս աղջիկները տրտնջալու ոչինչ չեն ունենա։
 +
 +
Թագավորն իր ճառով այնպես նեղը գցեց դքսին, որ սա, ի վերջո, տեղի տվեց և համաձայնեց, միաժամանակ ավելացնելով, որ, իր կարծիքով, պարսավելի հիմարություն է մնալ այստեղ, և բժշկի սպառնալիքն էլ միշտ կախված կլինի իրենց գլխին։ Բայց թագավորն ասաց․
 +
 +
― Անիծվի այդ բժիշկը։ Ի՞նչ կարող է անել։ Մի՞թե ավանի բոլոր հիմարները մեր կողմը չեն։ Իսկ հիմարներն ամեն քաղաքում էլ մեծամասնություն են կազմում։
 +
 +
Նրանք նորից պատրաստվեցին իջնելու ներքև։ Դուքսն ասաց․
 +
 +
― Իմ կարծիքով, դրամը լավ տեղ չի թաքցված։
 +
 +
Այդ լսելով՝ ականջներս սրեցի։ Արդեն թվում էր, թե գործին օգնող ոչ մի խոսակցություն չեմ լսի։ Թագավորն ասաց․
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Որովհետև Մերի Ջեյնն այսուհետև սգո շորեր կհագնի։ Նա սենյակները մաքրող նեգրին կկարգադրի մյուս զգեստները հավաքել սնդուկի մեջ և մի կողմ դնել, իսկ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է նեգրը դրամի կողքով անցնել ու մի բան չվերցնել։
 +
 +
― Գլուխդ նորից լավ է գործում, դուքս, ― ասաց թագավորը և խարխափելով անցավ վարագույրի ետևը, ինձանից երկու֊երեք ոտնաչափ հեռու։ Ես ամուր կպել էի պատին և անշարժ կանգնել էի։ Դողդողալով ինքս ինձ հարցնում էի, թե ի՞նչ կասեն այս մարդիկ, երբ ինձ այստեղ բռնեն։ Մտածում էի, թե այդ դեպքում ի՞նչ պատասխան տամ, որ ամենից հարմար լինի։ Բայց նախքան ժամանակ ունեցա որևէ բան մտածելու, թագավորը վերցրեց տոպրակը և խցկեց ծղոտե բարձի մեջ, որ դրված էր փետուրներով լցրած ներքնակի տակ։ Տոպրակը մեկ֊երկու ոտնաչափ բարձի մեջ ներս տանելուց հետո թագավորն ասաց, թե այժմ ամեն ինչ կարգին է, որովհետև նեգրը միայն փետուրե ներքնակին է ձեռք տալիս և հազիվ թե տարին մեկ֊երկու անգամ շուռ տա ծղոտե բարձերը, այնպես որ այժմ գողանալու վտանգ չկա։
 +
 +
Բայց ես լավ գիտեի, որ նա սխալվում է։ Տոպրակը դուրս բերեցի, երբ նրանք սանդուղքը կիսով չափ էլ չէին իջել։ Խարխափելով շտապեցի ձեղնահարկ, իմ սենյակը, և դրամը թաքցրի այնտեղ, մինչև առիթ լինի ավելի հարմար տեղ ընտրել։ Մտածեցի, թե ավելի լավ է տնից դուրս մի տեղ թաքցնել, որովհետև երբ նրանք շոշափելով իմանան, որ տոպրակն իր տեղում չէ, տունը տակնուվրա կանեն։ Ես այդ լավ գիտեի։ Այնուհետև ես շորերով պառկեցի մահճակալին։ Քնել չէի կարող, եթե նույնիսկ ցանկանայի։ Քափ ու քրտինք մտած՝ ուզում էի վերջացնել այդ գործը։ Շուտով լսեցի, որ թագավորն ու դուքսը բարձրանում են վեր։ Անկողինը դեն գցեցի, ծնոտս աստիճանների գլխին դեմ արած պառկեցի և սպասեցի։ Ուզում էի տեսնել, թե ինչ է լինելու։ Բայց ոչինչ չպատահեց։
 +
 +
Ես այդպես սպասեցի մինչև իրիկնային աղմուկը դադարեց, իսկ առավոտյան աղմուկը դեռ չէր սկսվել։ Սանդուղքով ցած իջա։
 +
 +
 +
==Գլուխ քսանյոթերորդ==
 +
 +
 +
Ես սողալով հասա նրանց դռների մոտ և ականջ դրի։ Խռմփում էին։ Ոտքերի մատների վրա շարժվելով՝ բարեհաջող իջա ներքնահարկը։ Ոչ մի տեղ ձայն չկար։ Ճաշարանի դռան մի ճեղքից գաղտագողի նայեցի սրահը և տեսա, որ դիակի մոտ նստած բոլոր մարդիկ խոր քնել են իրենց աթոռների վրա։ Հյուրասենյակի դուռը բաց էր․ ներսում դրված էր դիակը։ Երկու սենյակներում էլ վառվում էին մեկական մոմ։ Ես մտա հյուրասենյակը․ ոչ ոք չկար այնտեղ, բացի Պիտերի աճյունից։ Շարժվեցի առաջ, բայց մուտքի դուռը փակ էր, և բանալին էլ վրան չէր։ Այդ պահին լսեցի ոտնաձայն։ Ինչ֊որ մեկն իմ թիկունքում վերևից ներքև էր իջնում։ Վազեցի հյուրասենյակը և արագ նայեցի շուրջս։ Միակ տեղը, ուր կարելի էր ոսկու տոպրակը թաքցնել, դագաղն էր։ Կափարիչը մոտ մեկ ոտնաչափ ցած էին քաշել, որպեսզի մարդիկ տեսնեին հանգուցյալի դեմքը։ Երևում էին գլխին փռած թաց շորը և պատանը։ Տոպրակը կախեցի կափարիչի տակ, այնտեղ, ուր ձեռքերն էին ծալված։ Դրանց դիպչելիս մարմինս փշաքաղվեց․ այնպե՜ս սառն էին։ Փախա, այնտեղից ու թաքնվեցի դռան ետևում։
 +
 +
Եկողը Մերի Ջեյնն էր։ Նա կամացուկ մոտեցավ դագաղին և ծնկի իջած՝ նայեց։ Ապա թաշկինակը բռնեց աչքերին և լաց եղավ։ Ես չէի լսում ձայնը․ միայն թիկունքն էի տեսնում։ Դուրս ծլկեցի և ճաշասենյակով անցնելիս մտածեցի, թե արդյո՞ք դիակի մոտ նստածներից ոչ մեկն ինձ չտեսավ։ Դռան ճեղքից նայեցի ներս։ Ամեն ինչ խաղաղ էր։ Նրանք տեղից չէին շարժվել։
 +
 +
Ես անկողին մտա ընկած տրամադրությամբ։ Պատճառն այդ ձևով խաղացած իմ դերն էր, այն էլ այդքան չարչարվելուց ու այդպիսի վտանգի ենթարկվելուց հետո։ Ինքս ինձ ասում էի․ եթե տոպրակը մնար այնտեղ, ուր դրել էի, շատ լավ կլիներ, որովհետև երբ մենք գետով հարյուր կամ երկու հարյուր մղոն իջնենք ներքև, կարող եմ գրել Մերի Ջեյնին։ Նա կարող է քանդել գերեզմանը և վերցնել դրամը։ Բայց այդպես չի պատահի․ դրամը կգտնեն դագաղի կափարիչն ամրացնելիս։ Այդ դեպքում տոպրակը նորից կընկնի թագավորի ձեռքը, և երկար ժամանակ կպահանջվի, մինչև նա թույլ կտա, որ որևէ մեկը դա թռցնի իրենից։ Իհարկե, ես նորից ուզում էի ցած իջնել, դրամը դուրս բերել, բայց չէի համարձակվում։ Րոպե առ րոպե առավոտը մոտենում էր։ Շուտով պահապաններից մի քանիսը կսկսեին շարժվել, և ես, վեց հազար դոլարը ձեռքիս, կարող էի բռնվել, այն դեպքում, երբ ոչ ոք ինձ չէր վարձել, որ հոգ տանեմ դրամի մասին։
 +
 +
Առավոտյան, երբ իջա ներքև, հյուրասենյակի դուռը փակ էր։ Պահապանները գնացել էին։ Ոչ ոք չկար, բացի ընտանիքի անդամներից, այրի Բարթլիից և մեր խմբից։ Ես նայում է նրանց դեմքերին տեսնելու, թե որևէ բան պատահե՞լ է, բայց ոչինչ չկռահեցի։
 +
 +
Օրվա կեսին եկավ թաղման բյուրոյի պետը իր մարդկանցով։ Նրանք դագաղը դրեցին սենյակի կենտրոնում, երկու աթոռի վրա, իսկ մեր աթոռները շարեցին սրահում, հարևաններից էլ բերեցին աթոռներ, մինչև սրահում և ճաշասենյակում այլևս ազատ տեղ չմնաց։ Ես նկատեցի, որ դագաղի կափարիչը նախկին դիրքում է, բայց մարդկանց ներկայությունը թույլ չէր տալիս, որ գնայի, նայեի դրա տակը։
 +
 +
Բազմությունը հավաքվեց։ Խաբեբաներն ու աղջիկները նստեցին առաջին շարքում, դագաղի գլխավերևը։ Կես ժամ մարդիկ շարքով, դանդաղաքայլ անցան դագաղի մոտով, մի րոպե նայելով հանգուցյալի դեմքին։ Մի քանիսի աչքերից արցունքներ էին գլորվում։ Ամեն ինչ խաղաղ էր ու հանդիսավոր, միայն աղջիկներն ու խաբեբաներն էին աչքերը ծածկել թաշկինակներով և գլուխները խոնարհած՝ երբեմն հեկեկում էին։ Ոչ մի ձայն չէր լսվում, բացի ոտքերի քստքստոցից և խնչոցներից, քանի որ մարդիկ միշտ ավելի շատ են քիթ սրբում հուղարկավորությունների ժամանակ, քան որևէ այլ տեղում, բացի եկեղեցուց։
 +
 +
Երբ տունը լցված էր մարդկանցով, թաղման տնօրենը սև ձեռնոցներ հագած, մեղմաբարո և քաղաքավարի պտտվեց դագաղի շուրջը, վերջին անգամ հետևելով, որ ամեն ինչ կարգին լինի։ Նա նույնքան անաղմուկ էր քայլում, որքան կատուն։ Երբեք չէր խոսում։ Մարդկանց տեղավորելը, ուշացածներին մի կերպ ներս խցկելը, ճանապարհ բաց անելը, ամեն ինչ կատարում էր գլխի շարժումներով ու ձեռքի նշաններով։ Ապա նա գրավեց իր տեղը պատի մոտ։ Ես իմ կյանքում այդքան սուսուփուս, աննշմար, հաճոյացող մարդ չէի տեսել։ Նա նույնքան անժպիտ էր, որքան խոզի ապխտած ազդրը։
 +
 +
Նրանք ծանոթներից բերել էին փչացած մի երգեհոնիկ, և երբ ամեն ինչ պատրաստ էր, մի երիտասարդ կին նստեց ու նվագեց։ Ճռնչոցն ու նվնվոցն անպակաս էին։ Բոլորը միացան նվագին ու երգեցին։ Իմ կարծիքով միայն Պիտերն էր, որ հանգիստ էր։ Ապա արժանապատիվ Հոբսոնը դանդաղ ու հանդիսավոր կերպով գործի անցավ և խոսեց։ Նա դեռ նոր էր սկսել, երբ ներքնահարկից լսվեց սարսափելի, անլուր մի վայնասուն։ Դա միայն մի շուն էր, բայց կարծես մի ամբողջ ոհմակ լիներ։ Հաչոցը չէր դադարում։ Քահանան ստիպված եղավ լռել և սպասել դագաղի կողքին։ Ոչինչ հնարավոր չէր լսել, մարդ նույնիսկ իր մտքի թելն էր կորցնում։ Չափազանց անհարմար վիճակ էր, և ոչ ոք չգիտեր՝ ինչ անել։ Շուտով մարդիկ տեսան, որ թաղումը կազմակերպող երկարասրունք մարդը ձեռքով ինչ֊որ բան է հասկացնում քահանային։ Կարծես ուզում էր ասել․ «Մի անհանգստացեք, հույսներդ դրեք ինձ վրա»։ Նա պատի տակով շարժվեց դեպի դուրս կռանալով այնքան, որ մարդկանց գլխավերևից միայն ուսերն էին երևում։ Մինչ նա գնում էր, շան հաչոցն ավելի ու ավելի կատաղի էր դառնում։ Վերջապես անցնելով սենյակի երկու պատերի տակով, դուրս եկավ և իջավ նկուղ։ Քիչ անց լսեցինք ուժեղ հարվածի ձայն, և շունը խլացուցիչ կաղկանձից հետո հանդարտվեց։ Նորից տիրեց մեռելային լռություն։ Քահանան վերսկսեց իր հանդիսավոր ճառը։ Մեկ֊երկու րոպե հետո վերադարձավ թաղման տնօրենը, նորից ուսերը սահեցնելով պատերի երկայնքով։ Եվ նա, կուչ եկած, այդպես սահեց սենյակի երեք կողմով ու կանգ առավ և, ձեռքերը ձագարաձև պահելով բերանի դեմը, վիզը մարդկանց գլխավերևով երկարացնելով դեպի քահանան, խռպոտ շշնջյունով ասաց․ «Շունը առնետ էր բռնել»։ Ապա նա նորից խոնարհվեց ու նորից պատի տակով գնաց իր տեղը։ Կարելի էր նկատել, որ այդ լուրը մեծ գոհունակություն պատճառեց մարդկանց, որովհետև բնականորեն նրանք ուզում էին եղածն իմանալ։ Նման փոքրիկ մի բան իմանալը ծախս չի պահանջում, բայց հենց այդ փոքրիկ բաներն են, որ գրավում են հասարակության ուշադրությունը և համակրանք ստեղծում։
 +
 +
Այդ ավանում թաղման տնօրենից ավելի ժողովրդական մարդ չկար։
 +
 +
Դամբանական ճառը շատ լավ էր, բայց Պիսոնի<ref>Եդեմի գետերից մեկը։ Ծ․ թ․։</ref> չափ երկար էր ու ձանձրալի։ Թագավորը չհամբերելով՝ ելույթ ունեցավ և դուրս տվեց իր սովորական անհեթությունները։ Վերջապես ծիսակատարությունն ավարտվեց, և թաղման տնօրենն իր պտուտակիչով մի պտույտ կատարեց դագաղի շուրջը։ Քրտինքը պատել էր ինձ․ ես լարված ուշադրությամբ նայում էի։ Բայց նա բոլորովին չխառնեց դագաղը, միայն կափարիչը տնտղեց ու պտուտակներով ամրացրեց։ Այժմ ինձ մի այլ բան էր անհանգստացնում․ չգիտեի, դրամը դագաղո՞ւմ է, թե՞ ոչ։ Ենթադրենք, ասացի մտքումս, թե մեկը տոպրակն այնտեղից վերցրել է, այժմ ինչպես որոշեմ, գրե՞մ Մերի Ջյենին, թե՞ ոչ։ Ասենք, թե նա նորից բացում է գերեզմանը և ոչինչ չի գտնում, այդ դեպքում ի՞նչ կմտածի իմ մասին։ Գրողը տանի, ասացի ինքս ինձ, այդ դեպքում կհետապնդեն ինձ և կբանտարկեն։ Ավելի լավ է՝ ձայնս կտրեմ և այդ հարցը թողնեմ մութ․ իբր թե ոչինչ չգիտեմ։ Այժմ իրերի դրությունը սարսափելիորեն խառն է։ Փորձեցի լավացնել այն, բայց հազար անգամ ավելի վատացրի, և լավն այն կլիներ, որ բոլորովին չխառնվեի։ Գործը ամբողջովին տանուլ էր տրված։
 +
 +
Պիտերին թաղեցին, և մենք վերադարձանք տուն։ Ես շարունակեցի նայել նրանց դեմքերին, բայց իզուր, հանգստանալ չէի կարող, դեմքերն ինձ ոչինչ չէին ասում։
 +
 +
Երեկոյան թագավորն այցելեց բոլորին, բոլորի սիրտը շահեց, ձևացավ իսկական բարեկամ։ Միաժամանակ հասկացրեց, որ Անգլիայում իր միաբանությունը կանհանգստանա, ուստի ինքը պետք է շտապի վերջացնել ունեցվածքի ժառանգության հարցը և վերադառնա Անգլիա։ Նա շատ էր ցավում, որ այդպես շտապում է։ Ցավում էին և բոլորը։ Ուզում էին, որ կարողանար ավելի երկար մնալ, բայց տեսնում էին, որ դա հնարավոր չէ։ Նա հայտարարեց, թե, իհարկե, ինքն ու Վիլյամն աղջիկներին կտանեն իրենց հետ։ Այդ բանը բոլորին դուր եկավ, որովհետև այդ դեպքում աղջիկները լավ տեղավորված կլինեին և կապրեին հարազատների մոտ։ Այս բանը շատ հաճելի էր նաև աղջիկների համար։ Այնպես էին ուրախացել, որ մոռացել էին, թե իրենք աշխարհում երբևէ վիշտ են ունեցել։ Նրանք թագավորին ասացին, որ հնարավորության չափ շուտ վաճառի ամեն ինչ, իսկ իրենք կպատրաստվեն ճանապարհ ընկնելու։ Խեղճ արարածներն այնպես ուրախ ու երջանիկ էին զգում իրենց, որ սիրտս ցավում էր, տեսնելով, թե նրանք որքան խաբված են ու կողոպտված։ Բայց միջամտելու ու ընդհանուր խաղը փոխելու ոչ մի ապահով միջոց չէի տեսնում։
 +
 +
Անիծվեմ ես, եթե թագավորը թաղումից հետո չհայտարարեց տունը, նեգրերին  ու ամբողջ գույքը հրապարակային աճուրդում վաճառելու մասին, որը տեղի էր ունենալու երկու օր հետո, բայց անհատապես էլ որևէ մեկը կարող էր գնել, եթե ցանկանար։
 +
 +
Թաղման հաջորդ օրը մոտավորապես կեսօրին աղջիկների ուրախությունն ստացավ առաջին հարվածը։ Եկան նեգրերի առևտրով զբաղվող երկու հոգի, և թագավորը լավ գնով վաճառեց նեգրերին, երեք օրում վճարվող չեկի պայմանով, ինչպես սահմանված էր։ Եվ այդ մարդիկ գնացին, երկու նեգր տղաներին իրենց հետ տանելով գետն ի վեր՝ Մեմֆիս, իսկ նրանց մորը՝ ներքև՝ Նոր Օռլեան։ Ես մտածում էի, որ խեղճ աղջիկների և նրանց նեգրերի սիրտը վշտից կտոր֊կտոր կլինի։ Նրանք վերջին անգամ գրկախառնվելով՝ լաց էին լինում, արտահայտելով այնպիսի կսկիծ, որ ես նայելիս շատ հուզվեցի։ Աղջիկներն ասում էին, որ իրենց մտքով երբեք չի անցել, թե այդ ընտանիքը կտեսնեն այդպես բաժանված ու վաճառված քաղաքից դուրս։ Ես երբեք չեմ կարող իմ հիշողությունից դուրս հանել այդ տեսարանը։ Խեղճ, թշվառ աղջիկները և նեգրերն իրար պարանոցից կախված՝ արտասվում էին։ Ես չէի կարողանա տանել այդ բանը և կմատնեի այդ մարդկանց, եթե չիմանայի, որ վաճառքն ապօրինի, և նեգրերը մեկ֊երկու շաբաթում կվերադառնան իրենց տեղը։ Այդ վաճառքը մեծապես հուզեց նաև ավանի բնակիչներին, և շատերը վճռականորեն բողոքեցին, ասելով, որ խայտառակություն է մորն ու երեխաներին իրարից այդպես բաժանելը։ Դա որոշ չափով վնասեց մեր խարդախներին, բայց ծերուկ հիմարը ջանում էր շահավետ գնով վաճառել, հաշվի չառնելով ոչ մի բան, որը կարող էր դուքսն ասել կամ անել։ Պետք է ասել, որ դուքսը շատ անհանգիստ էր։
 +
 +
Հաջորդ օրն աճուրդն սկսվելու էր։ Առավոտյան, երբ լույսը բացվեց, թագավորն ու դուքսը եկան ձեղնահարկը և արթնացրին ինձ․ նրանց նայվածքից ես հասկացա, որ տհաճ բան կա։ Թագավորն ասաց․
 +
 +
― Երեկ չէ մյուս օրը երեկոյան եղե՞լ ես իմ սենյակում։
 +
 +
― Ոչ, ձերդ մեծություն (ես միշտ այդպես էի ասում նրան, երբ, մերոնցից բացի, ոչ ոք չէր լինում մեզ մոտ)։
 +
 +
― Երեկ ցերեկը կամ այս գիշե՞ր էլ չես եղել։
 +
 +
― Ոչ, ձերդ մեծություն։
 +
 +
― Ազնիվ եղիր, սուտ չասես։
 +
 +
― Ազնիվ խոսք, ձերդ մեծություն։ Ճիշտ եմ ասում։ Ես ձեր սենյակի մոտ չեմ եկել սկսած այն ժամանակից, երբ միսս Մերի Ջյենը ձեզ և դքսին տարավ վեր և ցույց տվեց սենյակը։
 +
 +
Դուքսն ասաց․
 +
 +
― Ոչ ոքի չե՞ս տեսել այնտեղ մտնելիս։
 +
 +
― Ոչ, ձերդ պայծառափայլություն, որքան հիշում եմ, չեմ տեսել, հավատացած եմ։
 +
 +
― Հապա լա՛վ մտածիր։
 +
 +
Ես մի պահ մտածեցի՝ տեսնելու, թե ինչ ընտրություն կարելի է անել, ապա ասացի․
 +
 +
― Մի անգամ տեսել եմ նեգրերին այնտեղ մտնելիս։
 +
 +
Նրանք երկուսն էլ մի փոքր շարժվեցին տեղում, այնպիսի տեսք ստանալով, կարծես երբեք չէին սպասում նման բան, միաժամանակ ցույց տալով, թե դա անսպասելի չէ։ Ապա դուքսն ասաց․
 +
 +
― Ինչպե՞ս, բոլորը միասի՞ն։
 +
 +
― Ոչ, ո՛չ բոլորը միասին․․․ այսինքն՝ չեմ կարծում, թե երբևէ տեսել եմ բոլորին միանգամից այնտեղից դուրս գալիս, միայն մի անգամ․․․
 +
 +
― Հապա՛, հապա՛։ Այդ ե՞րբ էր։
 +
 +
― Դա հուղարկավորության օրն էր, առավոտյան։ Այնքան էլ վաղ չէր, ես երկար էի քնել։ Աստիճաններով ներքև էի իջնում և տեսա նրանց։
 +
 +
― Լավ, շարունակիր, շարունակիր։ Ի՞նչ էին անում, ինչպե՞ս էին իրենց պահում։
 +
 +
― Ոչինչ չէին անում։ Առանձին ձևացումներ, որքան հիշում եմ, չտեսա։ Նրանք ոտքերի մատների վրա քայլելով հեռացան։ Այնպես որ ես բավական պարզ տեսա, որ նրանք, ըստ երևույթին, գնացել էին կարգի բերելու ձերդ մեծության սենյակը կամ նման մի բան անելու, ենթադրելով, որ դուք վեր եք կացել։ Բայց գտնելով, որ դուք դեռ քնած եք, առանց ձեզ արթնացնելու դուրս են եկել, թեև արդեն չէին արթնացրել ձեզ։
 +
 +
― Ա՛յ քեզ փորձանք, ― ասաց թագավորը, և նրանք երկուսն էլ բավական վատ, տխմարացած տեսք ունեին։ Մի րոպե նրանք կանգնած՝ մտածում ու գլուխներն էին քորում։ Ապա դուքսը պոռթկաց մի տեսակ զայրացկոտ ծիծաղով և ասաց․
 +
 +
― Ա՜յ թե հնարամիտ էին։ Այդ նեգրերը ի՜նչ հիանալի խաղացին իրենց դերը։ Այնպես էին ձևացնում, թե շատ են ցավում, որ այստեղից գնում են և մենք էլ՝ ես, դուք, ամեն ոք, հավատացած էինք, թե իսկապես ցավում են։ Այլևս չասեք, թե նեգրը չունի շինծու, կեղծ վիշտ ցույց տալու տաղանդ։ Այն եղանակը, որով նրանք խաղացին այդ դերը, ում ասեք կհիմարացներ։ Իմ կարծիքով, դրանք հարստության աղբյուր են։ Եթե ես ունենայի դրամագլուխ և թատրոն, ցուցադրելու համար սրանից ավելի լավ բան չէի ուզենա։ Իսկ մենք վաճառեցինք չափազանց չնչին գնով և այդ չնչին գինն էլ չենք ստացել։ Ասա, որտե՞ղ է այդ վճարի չեկը։
 +
 +
― Բանկում, ժամկետին է սպասում, որտեղ պիտի լինի։
 +
 +
― Լավ, այդ դեպքում լավ, փառք աստծո։
 +
 +
Ես մի տեսակ երկչոտությամբ հարցրի․
 +
 +
― Բա՞ն է պատահել։
 +
 +
Թագավորը խոյացավ ինձ վրա ու բղավեց․
 +
 +
― Քո գործը չէ, լեզուդ քե՛զ քաշիր և գործիդ կաց, եթե գործ ունես։ Քանի դեռ այս ավանում ենք, չմոռանաս, լսո՞ւմ ես։
 +
 +
Ապա ասաց դքսին․
 +
 +
― Մենք պետք է կուլ տանք այդ և ոչինչ չասենք․ լեզուներս պիտի ներս քաշենք, ուրիշ ոչինչ։
 +
 +
Մինչ նրանք իջնում էին աստիճաններով, դուքսը քրքջաց և ասաց․
 +
 +
― Շտապ վաճառք և չնչին օգուտ։ Լավ գործ է, չէ՞։
 +
 +
Թագավորը խեթ֊խեթ նայեց և ասաց․
 +
 +
― Ես աշխատում էի լավագույն ձևով գլուխ բերել գործը, երբ այդպես շտապում էի վաճառել դրանց։ Եթե օգուտը չնչին եղավ, և կորուստն էլ մեծ, ապա դրանում դուք նույնքան մեղավոր եք, որքան ես։
 +
 +
― Լավ, եթե իմ խորհրդին հետևեիք, նեգրերը դեռ այստեղ կլինեին, իսկ մենք՝ գնացած։
 +
 +
Թագավորը հայհոյեց, թեև այնպես չափավոր, որ իրեն չվնասեր, ապա նայեց շուրջն ու աչքերը չռեց վրաս։ Նա ինձ խիստ հանդիմանեց, որ չէի գնացել, հայտնել իրեն, թե նեգրերի եմ տեսել իր սենյակից դուրս գալիս և մատների վրա կամացուկ քայլելիս։ Ասաց, որ ամեն հիմար էլ դրանից մի բան կհասկանար։ Մի պտույտ գործեց ու սկսեց ինքն իրեն հայհոյել, ասելով, որ այդ ամբողջը արդյունք է այն բանի, որ ինքն ուշ է անկողին մտել, առավոտյան իր բնական հանգիստը չի առել և անիծվի ինքը, եթե մեկ էլ նման սխալ կրկնի։ Նրանք հեռացան հայհոյելով, իսկ ես անչափ ուրախ էի,  որ կարողացա մեղքը նեգրերի վրա բարդել, առանց նրանց որևէ վնաս տալու։
 +
 +
 +
==Գլուխ քսանութերորդ==
 +
 +
 +
Շուտով վեր կենալու ժամանակը եկավ։ Ես աստիճաններով իջա ներքևի հարկը։ Երբ անցա աղջիկների սենյակի մոտով, դուռը բաց էր, և ես տեսա Մերի Ջեյնին իր սնդուկի մոտ նստած, որը բաց էր, և նա իրեր էր դասավորում, պատրաստվելով մեկնել Անգլիա։ Միայն թե այդ պահին նա ոչինչ չէր անում․ ծնկներին ծալած մի զգեստ էր գցել և դեմքը ձեռքերի մեջ առած՝ լաց էր լինում։ Ինձ սարսափելի վատ զգացի՝ տեսնելով նրան այդ վիճակում։ Ով էլ իմ տեղը լիներ, կխղճահարվեր։ Ես ներս մտա և ասացի․
 +
 +
― Միսս Մերի Ջեյն, դուք չեք կարող տանել, երբ մարդկանց տեսնում եք ձախորդության մեջ։ Ես էլ միշտ այդպես եմ։ Ասացեք, ի՞նչ է պատահել։
 +
 +
Եվ նա պատմեց։ Նրա վիշտը նեգրերն էին։ Ես այդպես էլ գիտեի։ Ասաց, որ դեպի Անգլիա սպասվող ճանապարհորդության հաճույքը դրանով թունավորվեց, որ ինքը չգիտե, թե ինչպես կարող է երջանիկ զգալ իրեն այնտեղ, երբ միշտ պիտի հիշի, որ նեգր մայր ու երեխաները այլևս իրար չեն տեսնելու։ Եվ նա ավելի դառնորեն սկսեց արտասվել ու ձեռքերն իրար խփելով ասաց․
 +
 +
― Օ՜հ, աստվա՜ծ իմ, չէ՞ որ այլևս իրար չեն տեսնելու։
 +
 +
― Բայց կտեսնեն, ամենաուշը երկու շաբաթում, ես հաստատ գիտեմ, ― ասացի ես։
 +
 +
Օրենքի ուժն իմ մտածելուց առաջ էր անցել։ Դեռ չէի շարժվել տեղիցս, երբ նա թևրը պարզեց իմ պարանոցի շուրջը և ասաց, որ այդ բառերը նորից, նորից ու նորից կրկնեմ։
 +
 +
Զգացի, որ բերանիցս խոսք թռցրի և ասացի ավելին, քան կարելի էր։ Ի՞նչ անեի։ Խնդրեցի թույլ տալ մեկ րոպե մտածելու։ Նա նստած էր՝ անհամբեր, հուզված, գեղեցիկ, բայց իմ ասածից մասամբ երջանկացած, թեթևացած էր զգում իրեն այնպես, ինչպես ցավոտ ատամ քաշած մարդը։ Ուստի ես սկսեցի մտքումս ծանրութեթև անել անելիքս։ Ինքս ինձ դատում էի․ եթե մեկը, նեղն ընկնելիս ճշմարտությունն է ասում, մեծ վտանգի է ենթարկում իրեն։ Ես փորձառություն չունեի և այդ պահին հաստատ չէի կարող ասել, թե դա որքան վտանգավոր է։ Բայց թվում էր, թե այդպես է։ Սակայն այստեղ հանգամանքն այնպիսին էր, որ ավելի լավ էր ասել ճշմարտությունը։ Դա ավելի քիչ էր վտանգավոր, քան սուտը։ Պետք է հիշեի և ազատ ժամանակ քննարկեի այդ հարցը, որը տարօրինակ էր և կանոնների հակառակ։ Նման բան երբեք չէի տեսել։ Վերջապես, ասացի ինքս ինձ, որ պետք է փորձեմ, այս անգամ պիտի վեր կենամ և ասեմ ճշմարտությունը, թեև դա չափազանց նման էր վառոդի տակառի վրա նստելուն, երբ հետաքրքրությունից պայթեցնում են՝ տեսնելու, թե այն ուր է շպրտում իրենց։ Եվ ես ասացի․
 +
 +
― Միսս Մերի Ջեյն, դուք քաղաքից դուրս ունե՞ք մի տեղ, ուր կարողանաք գնալ և մնալ երեք֊չորս օրով։
 +
 +
― Այո, միստր Լոթրոփի տունը։ Իսկ ինչո՞ւ եք հարցնում։
 +
 +
― Առայժմ հետաքրքիր չէ, թե ինչու։ Եթե ես ասեմ ձեզ, թե նեգրերն ինչպես են իրար տեսնելու․․․ երկու շաբաթում․․․ այս տան մեջ․․․ և ապացուցեմ, թե որտեղից գիտեմ, այդ դեպքում դուք կգնա՞ք միստր Լոթրոփի մոտ և այնտեղ կմնա՞ք չորս օր։
 +
 +
― Չորս օ՜ր, ― ասաց նա, ― մի տարի կմնամ։
 +
 +
― Շատ լավ, ― ասացի ես, ― ես ձեզանից ավելին չեմ ուզում, քան ձեր խոստումը, դա ինձ համար ավելին է, քան մի այլ մարդու՝ Աստվածաշունչ համբուրելը։
 +
 +
― Նա ժպտաց ու շատ անուշ շիկնեց։ Ես ասացի․
 +
 +
― Եթե թույլ կտաք, ես կծածկեմ դուռը և կկողպեմ։
 +
 +
Այնուհետև վերադարձա տեղս, նստեցի և ասացի․
 +
 +
― Չզբաղվեք, հանգիստ նստեք և ասածներս ընդունեք, ինչպես տղամարդ։ Ես որոշել եմ ձեզ ճշմարտությունն ասել, իսկ դուք ձեզ պետք է պինդ պահեք, միսս Մերի, որովհետև լավ բան չեմ ասելու և լսելն էլ ծանր է։ Բայց ուրիշ ճար չկա։ Ձեր այս հորեղբայրները ձեր հորեղբայները չեն, դրանք երկու խարդախ մարդիկ են, իսկական թափառաշրջիկներ։ Ահա, ամենավատն ասացի, մնացածը հեշտ է տանելը։
 +
 +
Այդ լուրը, իհարկե, նրան ցնցեց, բայց ես այժմ գտնվում էի ծանծաղ ջրում և ուղղակի արշավեցի առաջ։ Ամբողջ ժամանակ նրա աչքերը ավելի ու ավելի բոցավառվեցին։ Պատմեցի ամեն մի պարսավելի մանրամասնություն, սկսած այն պահից, երբ առաջին անգամ հանդիպեցինք այդ երիտասարդ հիմարին, որը շոգենավով բարձրանալու էր վեր, և հասցրի մինչև այնտեղ, երբ աղջիկը տան շեմքին իրեն գցեց թագավորի գիրկը, և թագավորը նրան համբուրեց տասնվեց֊տասնյոթ անգամ։ Մերին վերջալույսի պես շառագունած՝ վեր թռավ, գոչելով։
 +
 +
― Օ՜հ, այդ անասո՜ւնը։ Դե՛հ, չպետք է ոչ մի րոպե կորցնել, պետք է դրանց պատել կուպրով, փետուրների մեջ թավալել տալ ու գցել գետը։
 +
 +
Ես ասացի․
 +
 +
― Իհարկե։ Բայց ե՞րբ եք ուզում այդ անել, նախքան Լոթրոփի տունը գնա՞լը, թե՞․․․
 +
 +
― Օ՜հ, ինչի՜ մասին եմ մտածում, ― ասաց նա ու նստեց իր տեղը, ― մի՛ լսեք իմ ասածները, խնդրում եմ, հաշվի մի՛ առեք։ Չեք առնի, չէ՞։
 +
 +
Նա իր թավշյա ձեռքը այնպե՜ս քնքշորեն դրեց իմ ձեռքին, որ ես մտքումս վճռեցի․ կմեռնեմ, բայց նրա ասածից դուրս չեմ գա։
 +
 +
― Ես երբեք չմտածեցի, թե այդպես կհուզվեմ, ― ասաց նա, ― այժմ շարունակեցեք, ես այլևս այդպես չեմ վարվի։ Ասացեք ի՞նչ անեմ։ Ինչ էլ որ ասեք, կկատարեմ։
 +
 +
― Լավ, ասացի ես, ― այդ երկու խարդախներն այլանդակ զույգ են կազմում։ Այնպես եղավ, որ ես ստիպված եմ նրանց հետ քիչ ավելի երկար ճանապարհորդել։ Ուզեմ, թե չուզեմ։ Թե ինչու՝ ավելի լավ է այդ մասին ձեզ ոչինչ չասեմ։ Եթե դուք այս ավանում նրանց մերկացնեք, ես կազատվեմ նրանց ճանկերից, և ամեն ինչ լավ կլինի ինձ համար։ Բայց կա մի ուրիշը, որին չեք ճանաչում, և որը մեծ նեղությունների մեջ կընկնի։ Մենք պետք է փրկենք նրան, այնպես չէ՞։ Ուրեմն՝ հասկանալի է, մենք չպետք է այստեղ նրանց մասին որևէ բան ասենք։
 +
 +
Այս խոսքերն ասելիս գլխումս մի լավ միտք ծագեց։ Ես տեսնում էի, թե ինչպես կարող էի ինձ ու Ջիմին ազատել այդ խարդախներից․ նրանց այստեղ բանտարկել տալ և ապա հեռանալ։ Բայց ես չէի ուզում լաստը ցերեկով գետն ի վար տանել․ շարունակ հարձուփորձ կանեին։ Դրա համար էլ վճռեցի սպասել մինչև մթնի։ Ես ասացի․
 +
 +
― Միսս Մերի Ջեյն, ասեմ, թե ինչ ենք անելու, և դուք ստիպված չեք լինի այդքան երկար ժամանակ մնալ միստր Լոթրոփի մոտ։ Այդ վայրը այստեղից որքա՞ն է հեռու։
 +
 +
― Չորս մղոնից ոչ պակաս․ գյուղական վայր է, ավանի ետևում։
 +
 +
― Ոչինչ, այնքան վատ չէ։ Այժմ գնացեք այնտեղ և հանգստացեք մինչև ժամը ինը կամ կամ ինն անց կես, ապա խնդրեցեք, որ ձեզ նորից բերեն այստեղ։ Պատճառ կբռնեք, թե բան եք մոռացել։ Եթե ժամը տասնմեկից առաջ լինեք այստեղ, պատուհանին մի մոմ դրեք, և եթե ես դրանից հետո չեկա, նշանակում է գնացել եմ և ապահով եմ։ Այնուհետև դուրս կգաք, ում որ պետք է կհայտնեք նրանց խարդախության մասին, և այդ գազաններին բանտարկել կտաք։
 +
 +
― Լավ, ― ասաց նա, ― այդպես կանեմ։
 +
 +
― Իսկ եթե պատահի, որ ես հեռացած չլինեմ, և ինձ էլ նրանց հետ ձերբակալեն, դուք կկանգնե՞ք, կասե՞ք, որ ես ամեն ինչ նախօրոք հայտնել եմ ձեզ և կպաշտպանե՞ք ինձ ձեր ամբողջ կարողությամբ։
 +
 +
― Կպաշտպանեմ ձեզ, իհարկե, կպաշտպանեմ։ Ոչ ոք ձեր մազին չի դիպչի, ― ասաց նա, և ես տեսա, թե ինչպես այդ պահին նրա ռունգերը լայնացան, աչքերը փայլեցին։
 +
 +
― Եթե ես հեռացած լինեմ, նշանակում է այստեղ չեմ լինի, ― ասացի ես, ― և չեմ կարողանա ապացուցել, որ այս սրիկաները ձեր հորեղբայրները չեն, չեմ կարող ապացուցել, եթե նույնիսկ այստեղ լինեմ։ Կարող եմ երդվել, որ դրանք խարդախ և թափառաշրջիկ մարդիկ են, ուրիշ ոչինչ։ Իհարկե, դա էլ մի բան արժե։ Բայց կան մարդիկ, որ կարող են  այդ բանն ինձնից լավ ապացուցել, և դրանք այնպիսի մարդիկ են, որոնց վկայությունն այնպես շուտ կասկածի տակ չի առնվի, ինչպես իմը։ Կասեմ, թե ինչպես գտնել նրանց։ Տվեք ինձ մի մատիտ և թուղթ։ Ահա․ «Արքայական ընձուղտ, Բրիքսվիլ»։ Պահեցեք այդ թուղթը, չկորցնեք։ Երբ դատարանը կուզենա այս երկուսի մասին որոշ բան հայտնաբերել, թող լուր ուղարկի Բրիքսվիլ և ասի, որ ձերբակալել են այն մարդկանց, որոնք խաղացել են «Արքայական ընձուղտը», և խնդրի մի քանի վկա ուղարկել։ Այդ դեպքում ամբողջ քաղաքը, միսս Մերի, մեկ ակնթարթում կթափվի այստեղ։ Նրանք կգան սոսկալի կատաղած։
 +
 +
Իմ խելքով, այժմ ամեն ինչ ճիշտ էինք որոշել։ Ուստի ասացի․
 +
 +
― Թողեք աճուրդը շարունակվի և դրա համար մի՛ անհանգստացեք։ Ոչ ոք պարտավոր չէ գնած բանի համար վճարել, մինչև աճուրդից մեկ օր չանցնի, նկատի ունենալով հայտարարության կարճատևությունը։ Այդ խաբեբաներն էլ այստեղից չեն հեռանա, մինչև դրամը չստանան։ Իսկ մենք գործն այնպես ենք կարգադրել, որ այդ վաճառքը օրինական համարվել չի կարող։ Նրանք դրամը չեն ստանա։ Կստացվի այնպես, ինչպես նեգրերի հետ էր․ վաճառքն օրինական չէ, և նեգրերը շուտով ետ կգան։ Նրանք չեն կարող նեգրերի դիմաց վճար ստանալ։ Նրանք ամենադժվար կացության մեջ են ընկել, միսս Մերի։
 +
 +
― Լավ, հիմա ես կիջնեմ ներքև նախաճաշելու և ապա ուղիղ կմեկնեմ միստր Լոթրոփի տունը։
 +
 +
― Ոչ, այդ ճիշտ չի լինի, միսս Մերի Ջեյն, ― ասացի ես, ― դա ճիշտ չէ։ Նախաճաշից առաջ գնացեք։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Ձեր կարծիքով ես ի՞նչ նկատի ունեի, երբ խորհուրդ տվեցի գնալ, միսս Մերի։
 +
 +
― Երբեք այդ մասին չեմ մտածել, ոչ էլ մտածում եմ։ Չգիտեմ։ Ասացեք, ինչո՞ւ։
 +
 +
― Գնալու պատճառն այն է, որ դուք այս խաբեբաների նման աներես չեք։ Ես չգիտեմ այնպիսի մի գիրք, որ ձեր դեմքի չափ պարզ լինի։ Մեկնումեկը ձեր մտածածը կկարդա ձեր դեմքին, ինչպես խոշոր տառերով տպված մի գիրք։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եք գնալ, հանգիստ կանգնել ձեր «հորեղբայրների» առջև, երբ նրանք կգան, բարի լույս կմաղթեն ու կհամբուրեն ձեզ, և երբեք չեք․․․
 +
 +
― Հասկանալի է, հասկանալի, բավական է։ Այո, նախաճաշից առաջ պետք է գնալ, ուրախությամբ։ Քույրերիս թողնե՞մ նրանց մոտ։
 +
 +
― Այո․ նրանց մասին մի՛ մտածեք։ Նրանք դեռ որոշ ժամանակ պետք է համբերեն։ Եթե բոլորդ գնաք, նրանք կարող են կասկածել։ Չեմ ուզում, որ դուք տեսնեք նրանց, ոչ էլ ձեր քույրերին, ոչ էլ այս ավանում որևէ մեկին, որովհետև եթե այստեղի մի հարևան հարցնի, թե ձեր «հորեղբայրների» առողջությունն այս առավոտ ինչպես է, ձեր դեմքը որոշ բան կմատնի։ Ո՛չ, միսս Մերի Ջեյն, դուք անմիջապես գնացեք։ Ես ամեն ինչ այստեղ ձեր քույրերի հետ կկարգավորեմ։ Միսս Սյուզաննային կասեմ, որ ձեր սերն ու հարգանքը հայտնի նրանց և ասի, որ դուք մի քանի ժամով գնացել եք մի փոքր հանգստանալու, թարմանալու կամ մի բարեկամի տեսնելու և կվերադառնաք երեկոյան կամ վաղ առավոտյան։
 +
 +
― Գնալ բարեկամի տեսնելը շատ լավ է, բայց չեմ ուզում իմ սերն ու հարգանքը հայտնել նրանց։
 +
 +
― Լավ, թող այդպես լինի։
 +
 +
― Բայց քրոջն այդպես ասելը վատ չէր․ դրանից վնաս չէր գա։ Դա մի փոքրիկ բան էր, առանց նեղության։ Եվ հենց փոքրիկ բաներն են, որ ամենից ավելի են մարդկանց ճանապարհը հարթում։ Մերի Ջեյնը դրանով հանգիստ կլիներ, և ասելն էլ ոչ մի նեղություն չէր պատճառի։ Ապա ասացի․
 +
 +
― Եվս մի բան, դրամի տոպրակը։
 +
 +
― Է՛հ, դա նրանց ձեռքում է, որքա՜ն տխմար էի, որ հանձնեցի նրանց։
 +
 +
― Ո՛չ, դուք սխալվում եք։ Տոպրակը նրանց մոտ չէ։
 +
 +
― Ինչպե՞ս, ո՞վ է վերցրել։
 +
 +
― Լավ կլիներ, որ իմանայի ում մոտ է, բայց չգիտեմ։ Ինձ մոտ էր, որովհետև ես այն գողացա․ գողացա, որպեսզի ձեզ հանձնեմ։ Գիտեմ, թե որտեղ թաքցրի, բայց վախենում եմ, թե այնտեղ չէ։ Անչափ տխուր եմ դրա համար, միսս Մերի Ջեյն։ Ինձ համար ավելի ցավալի բան չէր կարող լինել։ Բայց ես ինչ կարողացել եմ, արել եմ, ազնիվ խոսք։ Քիչ էր մնում, որ բռնվեի և ստիպված եղա թաքցնել առաջին հանդիպած տեղում, միայն թե այնքան էլ հարմար տեղ չէր։
 +
 +
― Օ՜հ, բավական է մեղադրեք ինքներդ ձեզ, դա շատ վատ բան է, ես թույլ չեմ տա։ Ի՞նչ կարող էիք անել․ դա ձեր հանցանքը չէ։ Որտե՞ղ թաքցրիք։
 +
 +
Ես չէի ուզում նորոգել նրա վիշտը, չէի կարող բերան բաց անել ասելու այն, ինչ ստիպելու էր նրան տեսնելու դիակը դագաղում՝ դրամի տոպրակը փորին դրած։ Մի րոպե լռելուց հետ ասացի․
 +
 +
― Չեմ ուզում ասել, թե որտեղ դրեցի, միսս Մերի Ջեյն, եթե թույլ կտաք։ Բայց կգրեմ մի կտոր թղթի վրա, և դուք կարող եք կարդալ ճանապարհին, երբ կգնաք միստր Լոթրոփի մոտ, իհարկե, եթե ուզում եք։ Այդպես հնարավո՞ր է։
 +
 +
― Այո, կարելի է։
 +
 +
Ես գրեցի․ «Դրել եմ դագաղի մեջ։ Պարկը դագաղի մեջ էր, երբ դուք գիշերն լաց էիք լինում դիակի վրա։ Ես դռան հետևում էի և անչափ ցավում էի ձեզ համար, միսս Մերի Ջեյն»։
 +
 +
Աչքերս թրջվեցին, երբ հիշեցի նրա լացը՝ ուշ գիշերին, մենակ, դագաղի մոտ նստած։ Իսկ այդ սատանաները նույն հարկի տակ հանգիստ քնած էին և պատրաստվում էին նրան կողոպտել։ Երբ ծալեցի թուղթը և տվեցի, տեսա, որ աչքերը լցվում են արցունքի կաթիլներով։ Նա թոթվեց իմ ձեռքն ու ասաց․
 +
 +
― Ցտեսություն։ Ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես ասել եք։ Եթե ձեզ այլևս չտեսնեմ, երբեք չեմ մոռանա, միշտ կմտածեմ ձեր մասին և կաղոթեմ ձեզ համար։
 +
 +
― Եվ գնաց։
 +
 +
Աղոթե՞լ ինձ համար։ Կարծում եմ, եթե նա ինձ ճանաչեր, այնպիսի մի բան կվերցներ գլխովս տալու համար, ինչքան ուժը պատեր։ Բայց միևնույն է, նա կաղոթեր ինձ համար։ Նա այնպիսի աննկուն ոգի ուներ, որ կարող էր աղոթել Հուդայի համար, եթե նման միտք ունենար։ Մերին նահանջել չգիտեր։ Ինչ ուզում եք ասեք, բայց, իմ կարծիքով, նա իր մեջ ավելի շատ քաջություն, համարձակություն ուներ, քան իմ տեսած աղջիկներից որևէ մեկը։ Իմ կարծիքով, նա ոտքից գլուխ քաջություն էր։ Գուցե ասածս շողոքորթություն թվա, բայց դա այդպես չէ։ Իսկ եթե խոսքը գեղեցկության ու բարության վերաբերի, նա բոլորից բարձր կլինի։ Այն օրից Մերիին այլևս չեմ տեսել, բայց նրա մասին մտածել եմ, շատ ու շատ անգամ, միլիոն անգամ, հիշել նրա խոսքերը, թե կաղոթի ինձ համար։ Եվ եթե երբևէ մտածեի, թե իմ աղոթքը նրան որևէ չափով օգուտ կտա, անիծվեմ, եթե չաղոթեի։
 +
 +
Մերի Ջեյնը երևի բակի դռնից էր գնացել, որովհետև ոչ ոք չէր տեսել նրան։ Երբ տեսա Սյուզաննային և Նապաստակաշուրթին, հարցրի․
 +
 +
― Ի՞նչ է այն մարդու անունը, որին դուք երբեմն տեսակցության եք գնում․ ապրում է գետի մյուս կողմում։
 +
 +
Նրանք ասացին․
 +
 +
― Ծանոթները շատ են, բայց գլխավորապես Փրոքթորների մոտ ենք գնում։
 +
 +
― Այո, հենց այդ է, ― ասացի ես, ― մոռացել էի։ Լավ, միսս Մերի Ջեյնն ասաց ինձ, որ հայտնեմ ձեզ, թե ինքը շտապ գնում է այնտեղ․ նրանցից մեկը հիվանդ է։
 +
 +
― Ո՞ր մեկը։
 +
 +
― Չգիտեմ, մոռացա անունը, բայց կարծում եմ դա․․․
 +
 +
― Աստվա՜ծ իմ, դեռ անցյալ շաբաթ նա շատ լավ էր։ Շա՞տ վատ է։
 +
 +
― Վա՞տ։ Միսս Մերի Ջեյնն ասում  էր, որ ամբողջ գիշեր նստած են եղել նրա կողքին։ Կարծել են, թե հազիվ գիշերը կլուսացնի։
 +
 +
― Մի տե՛ս, է՜։ Իսկ ի՞նչ է պատահել։
 +
 +
Ես չէի կարող իսկույն որևէ հարմար հիվանդություն հնարել, ուստի ասացի․
 +
 +
― Խոզուկով։
 +
 +
― Խոզուկով քո տատիկն է հիվանդ։ Խոզուկով հիվանդի կողքին ամբողջ գիշերը չեն նստի։
 +
 +
― Չե՞ն նստի, ասում եք։ Այդ տեսակի խոզուկի դեպքում նստում են։ Այս խոզուկները տարբեր են։ Միսս Մերի Ջեյնն ասում էր, որ դա նոր տեսակի է։
 +
 +
― Ինչո՞վ է նոր։
 +
 +
― Այլ բարդություններ է տալիս։
 +
 +
― Ի՞նչ այլ բարդություններ։
 +
 +
― Քութեշ, կապույտ հազ, կարմիր քամի, թոքախտ, դեղնախտ, ուղեղի բորբոքում և չգիտեմ էլ ինչ։
 +
 +
― Աստվա՜ծ իմ։ Եվ նրանք դա անվանում են խոզուկ։
 +
 +
― Միսս Մերի Ջեյնն այդպես ասաց։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ են անվանում խոզուկ։
 +
 +
― Որովհետև խոզուկը հենց այդ է։ Դրանից է սկսվում։
 +
 +
― Անիմաստ բան ես ասում։ Մեկը կարող է սկզբում ոտքի մատը կոճղի դիպցնել, այնուհետև թույն ընդունել, ջրհորն ընկնել, վիզը ջարդել ու դեղը դուրս թափել, և եթե մի ուրիշը հարցնի, թե ինչից մեռավ այդ մարդը, մի տխմար պիտի ասի, թե մատը կոճղին դիպցրեց։ Դրանում իմաստ կա՞։ Այստեղ էլ իմաստ չկա։ Վարակիչ է դա։
 +
 +
― Վարակի՞չ է։ Ի՜նչ եք ասում։ Նման է տափանի։ Մութ ժամանակը մոտենում էր, դիպչում մեր մատին, հետո էլ՝ մյուս մատներին, այնպես չէ՞։ Եվ չեք պրծնի մատից, մինչև ամբողջ տափանը ձեզ հետ քաշեք֊տանեք։ Դե՛հ, խոզուկը, կարելի է ասել, տափանից ավելի վատ է․ մի անգամ որ բռնվեցիք, ազատվել չկա։
 +
 +
― Սարսափելի է, ― ասաց Նապաստակաշուրթը, ― գնամ հորեղբայր Հարվիի մոտ և․․․
 +
 +
― Իհարկե, ― ասացի ես, ― ձեր տեղը լինեի, ոչ մի րոպե չէի կորցնի։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ։
 +
 +
― Մի րոպե լսեցեք և հուսով եմ, որ կհասկանաք։ Ձեր հորեղբայրները պարտավոր են հնարավորին չափ շուտ վերադառնալ Անգլիա։ Բայց ի՞նչ եք կարծում, նրանք այնքան ստոր կլինե՞ն, որ իրենք մեկնեն, իսկ ձեզ թողնեն, որ ամբողջ ճանապարհը մենակ գնաք։ Հասկանալի է, որ կսպասեն ձեզ։ Բացի այդ, ձեր հորեղբայր Հարվին քարոզիչ է, այնպես չէ՞։ Է՛հ, արդյոք քարոզիչը կխաբի՞ շոգենավի գործավարին, կխաբի՞, որպեսզի նրանք թույլ տան միսս Մերի Ջեյնին նավ բարձրանալ։ Իհարկե, դուք գիտեք, որ չի խաբի։ Ուրեմն ի՞նչ կանի։ Պարզ է, որ կասի․ «Շատ ցավալի է, բայց եկեղեցական գործերը պետք է հնարավորության չափ յոլա գնան առանց ինձ, քանի որ եղբորս դուստրը վարակվել է բազմակի, ահավոր հիվանդությամբ՝ խոզուկով։ Ուստի իմ հարկադրյալ պարտականությունն է նստել այստեղ և սպասել երեք ամիս, որպեսզի պարզվի, նա վարակվե՞լ է, թե՞ ոչ»։ Եթե գտնում եք, որ պետք է ձեր հորեղբայր Հարվիին հայտնել, ապա ոչ մի բանի ուշադրություն մի դարձրեք։
 +
 +
― Ա՛յ քեզ բան։ Ուրեմն՝ մենք այստեղ ենք մնալու և գժի նման շրջելու ենք այս ու այն կողմ, երբ բոլորս կարող էինք շատ լավ ժամանակ անցկացնել Անգլիայում, և սպասելու ենք, որպեսզի պարզենք, թե Մերի Ջեյնը վարակվե՞լ է։ Ի՜նչ դատարկ բաներ ես ասում։
 +
 +
― Լավ, համենայն դեպս գուցե հարևաններից մի քանիսին ասեք։
 +
 +
― Չէ՜ մի։ Դու բնածին ապուշությամբ բոլորին կհաղթես։ Մի՞թ չես հասկանում, որ նրանք իսկույն ամեն տեղ կտարածեն լուրը։ Մնում է միայն մի բան․ ոչ ոքի ոչինչ չասել։
 +
 +
― Լավ, գուցե դուք իրավացի եք։ Այո, կարծում եմ, որ իրավացի եք։
 +
 +
― Բայց թվում է, մենք պարտավոր ենք որևէ կերպ հորեղբայր Հարվիին ասել, որ նա կարճ ժամանակով տեղ է գնացել, որպեսզի հորեղբայրը չանհանգստանա։
 +
 +
― Այո, միսս Մերի Ջեյնն ուզում էր, որ հայտնեք։ Գնալիս ասաց․ «Ասացեք, որ հորեղբայրներ Հարվիին և Վիլյամին հաղորդեն իմ սերն ու համբույրները և ասեն, որ ես շտապ գնում եմ գետի մյուս կողմը տեսնելու միստր․․․ միստր․․․», ի՞նչ էր այդ հարուստ ընտանիքի ազգանունը, մոռացա։ Ձեր հորեղբայր Պիտերը սովորաբար շատ է հարգելիս եղել նրանց, այն ընտանիքը, որը․․․
 +
 +
― Երևի Ափթորիների մասին է խոսքը, չէ՞։
 +
 +
― Այո, այո, այդ էր․․․ Այնպիսի ազգանուններ ունեն, որ մարդ չի կարողանում հիշել։ Այո, այդ հայտնեք հորեղբայրներին, թե շտապ գնացել է Ափթորիների մոտ։ Խնդրելու է, որ անպայման գան աճուրդի և տունը գնեն․ հորեղբայր Պիտերն ավելի շուտ կուզենար նրա՛նք գնեին, քան մեկ ուրիշը։ Եվ նա նրանցից պոկ չի գա, մինչև խոսք չտան, թե կգան։ Այնուհետև, եթե շատ հոգնած չլինի, իսկույն կվերադառնա։ Իսկ եթե հոգնի, կվերադառնա ամենաուշը հաջորդ առավոտյան։ Միսս Մերի Ջեյնն ասաց, որ Փրոքթորների մասին ոչինչ չասեք, միայն Ափթորիների մասին ասեք, որը միանգամայն ճիշտ կլինի, որովհետև նրանց մոտ էլ կգնա՝ տունը գնելու կապակցությամբ։ Ես այդ գիտեմ․ ինձ ասել է։
 +
 +
― Շատ լավ, ― ասացին նրանք և վազեցին հորեղբայրների մոտ՝ նրանց հաղորդելու միսս Մերի Ջեյնի սերն ու համբույրները, ինչպես նաև մյուս մանրամասնությունները։
 +
 +
Այժմ ամեն ինչ լավ էր։ Աղջիկները ոչինչ չէին ասի, որովհետև ուզում էին Անգլիա գնալ։ Թագավորը և դուքսը նույնպես ուրախ էին նրա բացակայության համար։ Ավելի լավ էր, որ նա աճուրդի գործով զբաղվեր, քան թե մնար տանը, դոկտոր Ռոբինսոնի աչքի առաջ։ Ես ինձ շատ լավ էի զգում։ Իմ կարծիքով, դերս բավական ճարպկորեն կատարեցի։ Հազիվ թե Թոմ Սոյերը դրանից ավելի հարմար ելք գտներ։ Իհարկե, նա գործն ավելի կբարդացներ, բայց ես չէի կարող այդքան հմտություն ցուցաբերել։ Դե, այդ բանում վարժված չէի։
 +
 +
Աճուրդի գործը նրանք սկսեցին ավանի հրապարակում, իրիկնադեմին, և դա տևեց շատ երկար։ Ծերուկը պտտվում էր հայտարարողի շուրջը և երբեմն Աստվածաշնչից կեղծ բարեպաշտական խոսքեր մեջ բերում, իսկ դուքսը՝ «գո՛ւ֊գո՛ւ» էր անում որպես հարգանքի արտահայտություն և մարդկանց սիրաշահում։
 +
 +
Շուտով աճուրդը վերջացավ, ամեն ինչ վաճառվեց, ամեն ինչ, բացի գերեզմանոցի փոքրիկ տեղամասից։ Նրանք աշխատեցին այդ էլ վաճառել։ Ես երբեք չեմ տեսել այնպիսի մի ընձուղտ, ինչպիսին թագավորն էր, որն ուզում էր ամեն ինչ կուլ տալ։ Մինչ նրանք զբաղված էին այս գործով, ափին մոտեցավ մի շոգենավ և երկու րոպեում գետափից գոռոցով, կանչով, ծիծաղով դեպի ավանն էր վազում ամբոխը։
 +
 +
― Ահա ձեր հակառակորդները, ահա Պիտեր Վիլքսի ժառանգների մի նոր զույգ։ Վճարեցեք դրամը, վճռեցեք, այս զույգերից ո՞ր մեկն է ավելի դուր գալիս ձեզ։
 +
 +
 +
==Գլուխ քսանիններորդ==
 +
 +
 +
Ամբոխն իր հետ բերում էր չափազանց դուրեկան արտաքինով մի ծեր ջենտլմենի, ինչպես և նույնքան համակրելի մի երիտասարդի։ Երիտասարդի աջ թևը կապված էր վզից։ Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս էին մարդիկ անընդհատ գոչում ու ծիծաղում։ Բայց ես ոչ մի ծիծաղելի բան չէի տեսնում և կարծում էի, թե թագավորն ու դուքսը, տեսնելով այդ, որոշ չափով կձգվեն, կգունատվեն։ Բայց ոչ, նրանք բոլորովին էլ չգունատվեցին։ Դուքսը ցույց էլ չտվեց, թե ինչ֊որ բան է տեղի ունենում։ Նա շարունակում էր շրջել «գո՛ւ֊գո՛ւ» անելով՝ երջանիկ ու գոհ, նման այն խնոցուն, որի մեջ գլգլում են կաթն ու կարագը։ Ինչ վերաբերում է թագավորին, նա ապշած ու թախծալից նայում, նայում էր, այս նորեկներին, կարծես նրա սիրտը մղկտում էր, որ աշխարհում կարող են լինել այդ աստիճանի խարդախ ու սրիկա մարդիկ։ Նա այդ դերը սքանչելի էր կատարում։ Ավանի անվանի մարդկանցից շատերը հավաքվել էին նրա շուրջը՝ հասկացնել տալու, որ իրենք իր կողմն են։ Նորեկ ծերունի ջենտլմենը կատարելապես ապշել, առեղծվածային վիճակի մեջ էր ընկել։ Շուտով նա սկսեց խոսել, և ես անմիջապես նկատեցի, որ նա բառերն արտասանում է ինչպես անգլիացի և ոչ թե թագավորի նման, թեև նմանեցնելու տեսակետից թագավորի արտասանությունն էլ վատ չէր։ Ես չեմ կարող այստեղ տալ ծերունի ջենտլմենի բառերը, ոչ էլ կարող եմ նմանեցնել։ Նա դարձավ դեպի ամբոխը և խոսեց մոտավորապես այսպես․
 +
 +
― Սա ինձ համար միանգամայն անսպասելի էր, և ես ուղղակի ու անկեղծորեն խոստովանում եմ, որ շատ էլ պատրաստ չեմ դիմադրելու և պատասխանելու։ Ճանապարհին մեր գլխին փորձանք եկավ։ Եղբորս թևը կոտրվեց և մեր ճանապարհորդական ծանրոցները երեկ գիշեր սխալմամբ ափ դուրս բերին այստեղից վերև, մի փոքրիկ քաղաքում։ Ես Պիտեր Վելքսի եղբայր Հարվին եմ, սա էլ նրա եղբայր Վիլյամն է, որը չի կարող լսել կամ խոսել, նույնիսկ չի կարող նշաններով բավականաչափ բան հասկացնել, որովհետև այժմ միայն մեկ ձեռքն է շարժվում։ Մեկ֊երկու օրից, երբ ծանրոցները կստանամ, կարող եմ ամեն ինչ ապացուցել։ Բայց մինչև այդ ուրիշ ոչինչ չեմ ասի, կգնամ հյուրանոց և կսպասեմ։
 +
 +
Նա ու նոր խուլ ու համրը հեռացան։ Թագավորը նրանց հետևից քրքջաց ու ծաղրեց․
 +
 +
― Թևն է կոտրվել։ Հավանական է չէ՞։ Շատ էլ հարմար է մի խարդախ մարդու համար, որը ստիպված է նշաններով խոսել, բայց չգիտե, թե ինչպես։ Իրերը ճանապարհին կորել են։ Հիանալի է, նույնիսկ բավական խորամանկ ձև է տվյալ պարագայում։
 +
 +
Եվ նա նորից ծիծաղեց, ծիծաղեցին և հավաքվածները, բացի երեք֊չորս կամ վեց հոգուց։ Վերջիններից մեկը բժիշկն էր, մյուսը՝ սրահայաց մի ջենտլմեն՝ ուսին կապերտից հին ձևի խուրջին գցած։ Նա նոր էր դուրս եկել շոգենավից և ցածրաձայն խոսում էր բժշկի հետ, երբեմն էլ հայացքը ուղղում թագավորին։ Գլուխները շարժվում էին ի հաստատումն միմյանց ասածի։ Դա օրենսգետ Լեվի Բելն էր, որ գետով բարձրացել էր Լուիսվիլ։ Երրորդը բարձրահասակ, չեչոտ դեմքով մի աժդահա մարդ էր, որը, գալով այնտեղ, լսեց ծերունի ջենտլմենի ասածները սկզբից մինչև վերջ և այժմ լսում էր թագավորին։ Երբ թագավորը վերջացրեց, այս մարդը վեր կացավ ու ասաց․
 +
 +
― Լսեցեք, եթե դուք Հարվի Վիլքսն եք, ապա ասացեք, թե ե՞րբ եկաք այս ավանը։
 +
 +
― Հուղարկավորությունից մեկ օր առաջ, բարեկամ, ― ասաց թագավորը։
 +
 +
― Օրվա ո՞ր ժամին։
 +
 +
― Երեկոյան, մայրամուտից մեկ֊երկու ժամ առաջ։
 +
 +
― Ինչո՞վ եկաք։
 +
 +
― Եկա «Սյուզեն Պոուել» շոգենավով, Ցինցինատիից։
 +
 +
― Լավ, ուրեմն՝ ինչպե՞ս կարողացաք առավոտյան մակույկով լինել հրվանդանի մոտ։
 +
 +
― Ես առավոտյան հրվանդանի մոտ չեմ եղել։
 +
 +
― Ստում եք։
 +
 +
Մի քանիսը միջամտեցին ի պաշտպանություն թագավորի, և չեչոտին խնդրեցին այդ ձևով չխոսել ծերունու և քարոզչի հետ։
 +
 +
― Կորչի՛ սրա նման քարոզիչը։ Սա խաբեբա է, ստախոս։ Այդ առավոտ նա նավակով ափ էր դուրս եկել հրվանդանի մոտ։ Ես այնտեղ եմ ապրում, գիտեք, չէ՞։ Այն ժամանակ այնտեղ էի, երբ սա էլ այնտեղ էր։ Ես տեսա նրան։ Նա մակույկով այնտեղ եկավ Թիմ Քոլլինսի ու մի տղայի հետ։
 +
 +
Բժիշկը վեր կացավ ու ասաց․
 +
 +
― Եթե այն տղային բերենք այստեղ, կճանաչե՞ք, Հայնս։
 +
 +
― Կարծում եմ, որ կճանաչեմ, բայց հաստատ չեմ կարող ասել։ Ա՛յ, այն տղան է, այնտեղ կանգնած։ Շատ հեշտ ճանաչեցի։
 +
 +
Նա մատով ցույց տվեց ինձ։ Բժիշկն ասաց․
 +
 +
― Հարևաննե՛ր, ես չգիտեմ նոր եկող զույգն էլ խարդախ է, թե ոչ, բայց եթե այս երկուսը խարդախ մարդիկ չեն, այդ դեպքում ես հիմար մարդ եմ, ուրիշ ասելիք չունեմ։ Իմ կարծիքով մեր պարտականությունն է հետևել, որ սրանք չհեռանան այստեղից, մինչև լրիվ պարզենք այս հարցը։ Դե՛, արի, Հայնս, բոլորդ եկեք։ Մենք այս մարդկանց տանելու ենք պանդոկը, որ երես առ երես հանդիպեն մյուս զույգի հետ, և ես կարծում եմ՝ մենք իսկույն որոշ բան կպարզենք։
 +
 +
Ամբոխին շատ դուր եկավ այդ առաջարկը, թեև թագավորի կողմնակիցները, գուցե այնքան էլ գոհ չէին։ Բոլորս ճանապարհ ընկանք դեպի պանդոկ։ Իրիկնադեմ էր։ Արեգակը մայր էր մտնում։ Ինձ առաջնորդում էր բժիշկը՝ ձեռքս բռնած։ Նա բավական բարեհաճ էր իմ նկատմամբ, բայց երբեք ձեռքս բաց չթողեց։
 +
 +
Մեզ բոլորիս բերեցին պանդոկի մի մեծ սենյակ և վառեցին մի քանի մոմ։ Այստեղ բերին և նոր զույգին։ Ամենից առաջ բժիշկն ասաց․
 +
 +
― Ես չեմ ուզում այս երկու մարդկանց նկատմամբ շատ խիստ լինել, բայց, իմ կարծիքով, սրանք խաբեբաներ են և կարող են մեղսակիցներ էլ ունենալ, որոնց մասին ոչինչ չգիտեմ։ Եթե կան մեղսակիցներ, ապա դրանք չեն փախչի, իրենց հետ տանելով Պիտեր Վիլքսի թողած դրամը։ Միանգամայն հնարավոր է։ Եթե այս մարդիկ խաբեբաներ չեն, ապա դեմ չեն լինի, որ դրամն էլ բերել տանք այստեղ և պահենք, մինչև նրանք ապացուցեն, որ խաբեբաներ չեն։ Ճիշտ չէ՞։
 +
 +
Բոլորը համաձայնեցին այս առաջարկությանը։ Ինձ թվում էր, թե նրանք մեր խմբին բավական նեղ վիճակի մեջ գցեցին հենց սկզբից։ Բայց թագավորը տխուր նայեց նրանց ու ասաց․
 +
 +
― Ջենտլմեններ, շատ կուզենայի, որ դրամն այնտեղ լիներ, որովհետև ես ցանկություն չունեմ որևէ բանով խոչնդոտ հանդիսանալ այս թշվառ գործի ուղղամիտ, հրապարակային, բացեիբաց քննարկմանը, բայց, ավա՜ղ, դրամն այլևս չկա, կարող եք մեկին ուղարկել և ստուգել, եթե ուզում եք։
 +
 +
― Ուրեմն՝ որտե՞ղ է։
 +
 +
―Է՛հ, երբ եղբորս դուստրը դրամը հանձնեց ինձ պահելու իր համար, ես վերցրի ու թաքցրի այն իմ մահճակալի ծղոտե ներքնակի մեջ։ Չէի ցանկանում մի քանի օրվա համար այստեղ բանկ դնել։ Մահճակալը համարում էի ապահով տեղ, մենք էլ, նեգր ծառաներ չունենալով, ենթադրում էինք, թե նրանք նույնքան ազնիվ են, որքան Անգլիայում ունեցած մեր ծառաները։ Բայց հենց հաջորդ առավոտյան նեգրերը գողացել էին դրամը, երբ ես ներքև իջա և վաճառեցի նրանց։ Դեռ չգիտեի, թե դրամը գողացված է։ Այնպես որ նրանք հանգիստ հեռացան՝ իրենց հետ տանելով դրամը։ Այստեղ է իմ ծառան, որը կարող է այդ մասին ձեզ պատմել, ջենտլմեններ։
 +
 +
Բժիշկը և մի քանի այլ մարդիկ ասացին․ «Անհեթեթ բացատրություն»։ Ես նկատեցի, որ հազիվ թեկուզ մի հոգի լիովին հավատաց նրան։ Մեկը հարցրեց ինձ, թե տեսե՞լ եմ նեգրերին դրամը գողանալիս։ Ես ասացի՝ ոչ, բայց տեսել եմ նրանց սենյակից դուրս սողոսկելիս ու շտապ հեռանալիս։ Ասացի, որ այդ պահին մտքովս ոչ մի վատ բան չանցավ, միայն նկատեցի, որ նրանք վախենում են, կարծելով, թե արթնացրել են իմ պարոնին և շտապում են հեռանալ, քանի դեռ պարոնս նրանց չի բռնել։ Նրանք ինձ այլևս հարցեր չտվեցին։ Այնուհետև բժիշկը շրջվեց իմ կողմը, հարցնելով․
 +
 +
― Դո՞ւ էլ անգլիացի ես։
 +
 +
Ասացի՝ այո։ Նա և մի քանիսը ծիծաղեցին, ասելով․
 +
 +
― Սուտ է։
 +
 +
Այնուհետև նրանք շարունակեցին հետաքննությունը և մեզ նեղը լծեցին։ Ժամերը հաջորդում էին իրար, բայց ոչ ոք ոչ մի բառ չասաց ընթրիքի մասին, ոչ էլ, ըստ երևույթին, այդ մասին մտածող կար։ Այդպես շարունակվեց ու շարունակվեց։ Դա ամենախառնաշփոթ բանն էր, որ երբևէ մարդ տեսել է։ Նրանք թագավորին ստիպեցին երկար֊բարակ պատմել իր պատմությունը։ Մյուս ծեր ջենտլմենին ստիպեցին նույնն անել, և այստեղ բոլորը, բացի մի քանի նախապաշարված հիմարներից, կարող էին տեսնել, թե ինչպես նոր եկած ծեր ջենտլմենը ճշմարտությունն է ասում, իսկ մյուսը՝ թագավորը ստում։ Շուտով պահանջեցին, որ ես վեր կենամ ու ասեմ, թե ինչ գիտեմ։ Թագավորը աչքի պոչով խեթ֊խեթ նայեց ինձ, և ես անելիքս հասկացա։ Պատմելով Շեֆֆիլդից, թե ինչպես էինք ապրում այնտեղ, պատմեցի անգլիացի Վիլքսերի մասին և այլն։ Ես դեռ չէի խորացել իմ պատմության մեջ, երբ բժիշկը ծիծաղեց, իսկ իրավաբան Լեվի Բելը ասաց․
 +
 +
― Նստիր, տղաս, եթե ես քո տեղը լինեի, այդքան ջանք չէի թափի։ Տեսնում եմ, որ դու ստելու սովոր չես։ Ասածներդ բանի նման չեն․ վարժվել է պետք։ Քո դերը բավական անճարակ ես կատարում։
 +
 +
Ինձ փաղաքշանք պետք չէր, բայց ուրախ էի, որ գոնե այդ ձևով հանգիստ թողեցին։ Բժիշկն ինչ֊որ բան էր ուզում ասել։ Նա շուռ եկավ ու հարցրեց․
 +
 +
― Եթե դուք հենց սկզբից քաղաքում լինեիք, Լեվի Բել․․․
 +
 +
Բայց թագավորը նրան ընդհատեց, պարզեց ձեռքն ու ասաց․
 +
 +
― Մի՞թե սա իմ մեռած խեղճ եղբոր հին բարեկամն է, որի մասին նա այնքան հաճախ գրում էր։
 +
 +
Օրենսգետն ու նա միմյանց ձեռք սեղմեցին։ Օրենսգետը սիրալիր ժպտաց։ Նրանք մի քանի խոսք փոխանակեցին, ապա առանձնացան ու քչփչացին։ Վերջապես իրավաբանը բարձրաձայն ասաց․
 +
 +
― Դա հարցը կփակի։ Ես ձեր չեկը կվերցնեմ ու ձեր եղբոր չեկի հետ կուղարկեմ ուր հարկն է։ Այն ժամանակ կիմանան, որ ամեն ինչ կարգին է։
 +
 +
Թուղթ, գրիչ բերեցին, և թագավորը նստեց, գլուխը թեքեց մի կողքի, լեզուն ծամելով սկսեց մրոտել ինչ֊որ բան։ Ապա գրիչը տվեցին դքսին։ Դուքսը սկզբից կարծես իրեն լավ չէր զգում, բայց վերցրեց գրիչն ու գրեց։ Օրենսգետը շուռ եկավ դեպի նոր եկած ջենտլմենը և ասաց․
 +
 +
― Այս հին նամակները Հարվի Վիլքսի գրածներն են, և ահա այս երկու մարդկանց ձեռագրերը։ Ամեն մարդ կարող է ասել, որ Վիլքսից ստացված նամակները դրանք չեն գրել (թագավորը և դուքսը մերկացվածների հիմար տեսք ստացան, երբ հասկացան, որ օրենսգետը խաբել է իրենց)։ Այս էլ ծեր ջենտլմենի ձեռագիրն է, և շատ հեշտությամբ կարելի է ասել, որ հին նամակները դրանք չեն գրել։ Փաստն այն է, որ այս ճանկռտոցը չի էլ կարելի ձեռագիր համարել։ Ահա մի քանի նամակ․․․
 +
 +
Նորեկ ջենտլմենն ասաց․
 +
 +
― Խնդրում եմ, թույլ տվեք բացատրել։ Ոչ ոք չի կարող կարդալ իմ ձեռագիրը, բացի եղբորիցս, և նա արտագրում է իմ գրածը։ Ձեր մոտի եղածը նրա ձեռագիրն է, ոչ թե իմը։
 +
 +
Բայց նա ձախ ձեռքով չի կարող գրել, ― ասաց ծերունի ջենտլմենը, ― եթե կարողանար աջ ձեռքն օգտագործել, ապա կտեսնեիք, որ նա է գրել և՛ իր, և՛ իմ նամակները։ Մեր երկուսի նամակներին էլ նայեցեք, խնդրում եմ, և կտեսնեք, որ նույն ձեռագրով են գրված։
 +
 +
Օրենսգետը նայեց և ասաց․
 +
 +
― Կարծում եմ՝ այդպես է։ Եթե նույնիսկ այդպես չէ, ապա նմանությունը շատ մեծ է, առաջ դա չէի նկատել։ Լավ, լավ, լավ։ Ես մտածում էի, թե մենք խնդիրը լուծելու ճիշտ ճանապարհի վրա ենք գտնվում, բայց դա մասամբ թերի է։ Համենայն դեպս մի բան ապացուցված է․ այս երկու ձեռագրերից ոչ մեկը այս Վիլքսերի ձեռագրի նման չէ, ― ասաց նա, գլխով ցույց տալով թագավորին ու դքսին։
 +
 +
Այժմ ի՞նչ եք կարծում։ Այդ ջորու գլուխ ծեր հիմարը տեղի կտա՞ր։ Իհարկե, նա չէր հանձնվի։ Նա ասաց, որ դա լավ փորձ չէ, որ իր եղբայր Վիլյամն աշխարհում առաջին կատակասերն է և հենց որ գրիչը թղթի վրա է դնում, կատակն սկսում է։ Եվ նա տաքացավ ու այնքան փչեց, մինչև ինքն էլ հավատաց իր ասածներին։ Բայց շուտով նորեկ ջենտլմենն ընդհատեց նրան՝ ասելով․
 +
 +
― Ես մի բան հիշեցի։ Այստեղ կա մեկը, որ օգնել է իմ խեղճ եղբ․․․ օգնել է հանգուցյալ Պիտեր Վիլքսի մարմինը կարգի բերելու՝ թաղման համար․
 +
 +
― Այո, ― ասաց մեկը, ― ես և Էբ Թըրները։ Եկուսս էլ այստեղ էինք։
 +
 +
Ծերունին դարձավ դեպի թագավորն ու ասաց․
 +
 +
― Գուցե այս ջենտլմենն ասի, թե ինչ վիտվածք կար նրա կրծքին։
 +
 +
Թագավորն այստեղ ստիպված էր շատ արագ թափ տալ իրեն, մի բան հնարել, այլապես փուլ կգար, ինչպես գետափը, որի տակը գետակը փորել է։ Այնպե՜ս անսպասելի էր այս հարցը։ Դա այնպիսի բան էր, որ ամեն մեկին կճզմեր իր ծանրության տակ։ Այն էլ առանց նախազգուշացման․ ի՞նչ իմանար, թե ինչ վիտվածք կար։ Նա մի փոքր գունատվեց․ ելք չէր գտնում։ Բոլորը լուռ էին։ Ամեն ոք, մի փոքր առաջ թեքված, նայում էր նրան։ Ինձ թվաց, թե այժմ նա դեն կգցի խաբեբայության դիմակը․ այն այլևս պետք չէր։ Բայց դեն գցե՞ց։ Հազիվ թե նրա մտքով այդպիսի բան անցներ։ Նա այդպես չարեց։ Երևի ուզում էր այնքան շարունակել, մինչև հոգնեցներ մարդկանց, շատերը թողնեին գնային, և ինքն ու դուքսը հնարավորություն ունենային փախչել։ Նա նստած՝ լուռ լսեց, ապա ժպտալով ասաց․
 +
 +
― Հը՛մ, բավականին դժվար հարց է, չէ՞։ Այո, սըր, կարող եմ ասել, թե ինչ էր վիտված կրծքի վրա։ Մի փոքրիկ, բարակ սլաք։ Ահա թե ինչ, և եթե լավ չնայեք, չեք կարող տեսնել։ Հիմա ի՞նչ կասեք, հը՞։
 +
 +
Ես երբեք չէի տեսել, որ ծերունին այդքան անպատկառ լինի։
 +
 +
Նորեկ ծեր ջենտլմենը ոգևորված դարձավ Էբ Թըրների և նրա ընկերոջ կողմը։ Ծերունու աչքերը փայլեցին․ կարծես այս անգամ թագավորին բռնեց։ Նա ասաց․
 +
 +
― Ահա, դուք լսեցի՞ք, թե ինչ ասաց նա, չէ՞։ Պիտեր Վիլքսի կրծքին այդպիսի նշան եղե՞լ է։
 +
 +
Երկուսն էլ ասացին, որ այդպիսի նշան չեն տեսել։
 +
 +
― Լավ, ― ասաց ծեր ջենտլմենը, ― ձեր տեսածը նրա կրծքի վրա աղոտ, փոքրիկ Պ, Բ․ և Վ է եղել՝ անվան սկզբնատառեր, որ նա վիտել էր երիտասարդ ժամանակ։ Տառերն իրարից բաժանվում են գծիկներով։ Այսպես՝ Պ֊Բ֊Վ։ ― Եվ նա գրեց թղթի վրա։ ― Այժմ ասացեք, այդպիսի նշաններ տեսե՞լ եք։
 +
 +
Երկուսն էլ նորից ասացին․
 +
 +
― Ոչ, չենք տեսել։ Մենք ոչ մի նշան չենք տեսել։
 +
 +
Ներկա գտնվողները հուզմունքից միաբերան բղավեցին․
 +
 +
― Դրանք բոլորն էլ խաբեբաներ են։ Դրանց պետք է խեղդել գետում, փակել վանդակում, ― և բոլորը միանգամից սկսեցին կռնչալ, սկսվեց հարայ֊հրոց, խառնաշփոթ աղաղակ։ Բայց օրենսգետը բարձրացավ սեղանին ու բղավեց․
 +
 +
― Ջենտլմեննե՛ր, ջենտլմեննե՜ր, լսեցե՛ք, միայն մի խոսք, մի խոսք, եթե կբարեհաճեք։ Դեռ մնում է մի միջոց․ գնանք բացենք դիակը և ստուգենք։
 +
 +
Առաջարկությունը դուր եկավ նրանց։
 +
 +
― Ուռա՜, ― բղավեցին բոլորը և անմիջապես ճանապարհ ընկան, բայց բժիշկն ու օրենսգետը ձայն տվին․
 +
 +
― Սպասեցե՛ք, սպասեցե՛ք։ Այս չորսին ու տղային էլ տարեք և բռնեցեք օձիքներից, որ չփախչեն։
 +
 +
― Կբռնենք, կբռնենք, ― բոլորը բղավեցին, ― և եթե նշաններ չգտնենք, ամբողջ խմբին լինչի դատաստանի կենթարկենք։
 +
 +
Խոստովանում եմ, ես սարսափելի վախեցա, բայց ի՞նչ արած․ փախչելու հնար չկար։ Նրանք բոլորիս բռնեցին և իրենց հետ քարշ տվին ուղիղ դեպի գերեզմանատուն, որը մեկևկես մղոն հեռու էր, գետափին։ Աղմուկն անչափ մեծ էր, և ամբողջ քաղաքը հետևում էր մեզ։ Երեկոյան ժամը ինն էր։
 +
 +
Մինչ անցնում էինք տան մոտով, մտքումս ասացի, թե երանի՜ Մերի Ջեյնին ուրիշ տեղ ուղարկած չլինեի։ Բավական էր, որ նա տեսներ, կվազեր, կգար, կփրկեր ինձ ու կմերկացներ այս խարդախներին։
 +
 +
Մենք գետի ճանապարհով խառնիխուրն իջանք ցած, ինչպես վայրի կատուներ։ Երկինքն սկսեց մթնել, կայծակը փայլատակում էր, քամին սուրում էր տերևների միջով, և այդ բոլորը տեսարանն ավելի ահավոր էր դարձնում։ Դա իմ գլխին եկած ամենասոսկալի փորձանքն էր։ Եվ ես մի տեսակ անզգայացել էի․ ամեն ինչ կատարվում էր ոչ այնպես, ինչպես ես էի ծրագրել։ Փոխանակ այնպես անելու, որ մի կողմ քաշված հաճույքով դիտեի այս ամբողջ կատակերգությունը, փոխանակ Մերի Ջեյնին ապավինելու, որը վճռական պահին պետք է ինձ փրկեր ու ազատեր, այժմ հույսս դրել էի ինչ֊որ վիտվածքի վրա։ Իսկ եթե այդ նշանները չգտնեի՞ն․․․
 +
 +
Անտանելի էր այդ մասին մտածելը, բայց և ուրիշ ոչ մի բան չէի կարողանում հիշել։ Ավելի ու ավելի մթնեց և հարմար ժամանակ էր դուրս պրծնելու, բայց Հայնսը՝ այդ հսկա, ամեհի մարդը, բռնել էր իմ բազկից, իսկ այդպիսի աժդահա մարդու ձեռքից ո՞վ կարող էր ազատվել։ Նա ինձ քարշ տալով տանում էր իր հետևից։ Նա չափազանց հուզված էր, և ես ետ չմնալու համար ստիպված էի վազել։
 +
 +
Բազմությունը ներխուժեց գերեզմանատուն, ինչպես հեղեղ։ Երբ հասանք գերեզմանին, պարզվեց, որ բահերը հարյուր անգամ ավելի շատ են, քան պետք էր հողը փորելու համար, բայց ոչ ոքի մտքով չի անցել, որ լապտեր բերի։ Սակայն նրանք մի կերպ սկսեցին փորել կայծակի առաջացրած լույսի տակ և մեկին ուղարկեցին ամենամոտակա տունը, կես մղոն հեռու, լապտեր բերելու։
 +
 +
Նրանք մոլեգնաբար փորեցին ու փորեցին։ Սարսափելի մութ էր։ Անձրև տեղաց։ Քամին սուրալով անցնում էր մեր վրայով, կայծակն ավելի ու ավելի էր ուժեղանում, ճայթում էր որոտը։ Բայց մարդիկ այնպես տարված էին գործով, որ բոլորովին ուշադրություն չդարձրին։ Երբ կայծակը փայլատակում էր, մի ակնթարթում այդ բազմամարդ ամբոխի մեջ կարելի էր տեսնել ամեն ինչ, ամեն դեմք, գերեզմանից բարձրացող հողով լիքը բահեր։ Հաջորդ վայրկյանին խավարն ամեն ինչ թաքցնում էր մարդկանց տեսողությունից, և ոչինչ չէր երևում։
 +
 +
Վերջապես դուրս բերին դագաղն ու սկսեցին քանդել կափարիչի պտուտակները։ Մարդիկ խռնվել էին, ամեն կերպ աշխատելով առաջ ընկնել և տեսնել այն, ինչ տեղի էր ունենում։ Սարսափելի տեսարան էր, մի կողմից մթությունը, մյուս կողմից մարդկանց իրարանցումը։ Հայնսն, ինձ սարսափելի ցավ պատճառելով, քաշում էր իր ետևից։ Նա այնպես հուզված էր և այնպես էր հևում, որ կարծեք թե մոռացել էր իր գոյությունը։ Հանկարծ շրջապատը ողողվեց կայծակի սպիտակ, շլացուցիչ լույսով, և մեկը գոռաց․
 +
 +
― Աստվա՜ծ վկա, ահա ոսկով պարկը՝ նրա կրծքին դրած։
 +
 +
Հայնսը մի կռինչ արձակեց, ինչպես բոլորը, բաց թողեց բազուկս և առաջ նետվեց պարկը տեսնելու, իսկ ես դուրս թռա ամբոխի միջից ու մթության մեջ վազեցի դեպի ճանապարհը։ Թե ինչպես, ինքս էլ չեմ հիշում։
 +
 +
Ճանապարհին ինձանից բացի ոչ ոք չկար։ Ես վազում էի ամբողջ ուժովս։ Մեն֊մենակ էի, եթե նկատի չունենանք թանձր խավարը, կայծակի փայլատակումը, անձրևի խշշոցը, քամու սուլոցը, որոտի ճայթյունը։ Կարող եք վստահ լինել, որ ես լեղապատառ թռչում էի առաջ։
 +
 +
Երբ հասա քաղաք, այդ փոթորկալից ժամին դրսում ոչ ոք չկար։ Խուլ փողոց որոնելու կարիք չեղավ։ Ամբողջ ուժերս հավաքելով վազեցի գլխավոր փողոցով։ Երբ մոտեցա մեր տանը, աչքերս ուղղեցի այդ կողմը։ Ոչ մի լույս չկար․ տունը թաղված էր մթության մեջ։ Ես ինձ զգացի հուսախաբ, մի տեսակ թախիծով համակվեցի։ Թե ինչու՝ չգիտեմ։ Վերջապես, երբ արդեն անցնում էի տան մոտով, նկատեցի Մերի Ջեյնի պատուհանից երևացող լույսը։ Սիրտս այնպես բաբախեց, կարծես դուրս էր թռչում։ Նույն վայրկյանին տունը և ամեն ինչ մնաց իմ ետևում, մթության մեջ։ Գիտեի, որ այլևս դրանք չեմ տեսնելու։ Նա իմ տեսած ամենալավ, ամենաբարի հոգու տեր աղջիկն էր։
 +
 +
Երբ քաղաքից այնքան էի բարձրացել վեր, որ կարող էի տեսնել կղզյակը, սկսեցի նավակ որոնել։ Հենց որ կայծակի լույսով նկատեցի մի նավակ, որը շղթայով կապված չէր ափին, ներս ցատկեցի և թիավարեցի։ Պարզվեց, որ դա միայն պարանով էր կապած։ Կղզյակը բավական հեռու էր, գետի մեջտեղում, բայց ես ժամանակ չկորցրի, և երբ վերջապես հասա լաստին, այնպես էի ուժասպառ եղել, որ եթե հնարավոր լիներ, վայր կընկնեի շունչ առնելու։ Բայց դրա ժամանակը չէր։ Լաստը բարձրանալուն պես ձայն տվի․
 +
 +
― Շո՛ւտ, Ջի՛մ, դո՛ւրս արի և արձակի՛ր լաստը։ Փա՜ռք աստծո, ազատվեցինք դրանցից։
 +
 +
Ջիմը դուրս թռավ հյուղակից ու թևերը պարզած, ընդառաջ վազեց։ Ինչե՜ս ուրախացավ։ Բայց երբ կայծակի լույսի տակ մի պահ նայեցի նրան, սրտաճաք եղա և ընկա գետը, որովհետև մոռացել էի, որ նա Լիր արքայի և ջրահեղձ արաբի կերպարանք էր առել։ Վախից լեղիս ճաքեց։ Ջիմն ինձ դուրս բերեց ջրից, ուզեց գրկել ու օրհնել։ Նա այնքա՜ն էր ուրախացել, որ ես վերադարձել էի, և մենք ազատվել էինք թագավորից ու դուքսից։ Բայց ես ասացի․
 +
 +
― Հիմա չէ, Ջիմ, նախաճաշի ժամանակ, նախաճաշի ժամանակ։ Այժմ արձակիր լաստը, որ լողա ներքև։
 +
 +
Մի երկու վայրկյան անց մենք իջնում էինք գետն ի վար։ Որքա՜ն լավ էր, որ նորից ազատ էինք այս մեծ գետի վրա, մեր գլխի տերը, և մեզ նեղություն տվող չկար։ Ես ուրախությունից սկսեցի ոստոստել, մի քանի անգամ վեր֊վեր ցատկեցի, կրունկներս իրար զարկելիս մի ձայն լսեցի, ծանոթ ձայն։ Շունչս պահեցի, ականջ դրեցի ու սպասեցի։ Եվ երբ հաջորդ փայլատակումը լուսավորեց մեր դիմացի ջուրը, տեսանք, որ երկու հոգի են։ Հենված թիակներին, մակույկը մղել էին առաջ։ Դա թագավորն ու դուքսն էին։
 +
 +
Ես նվաղած՝ անշարժ ընկա լաստի վրա և ինձ հազիվ զսպեցի, որ լաց չլինեմ։
 +
 +
 +
==Գլուխ երեսուներորդ==
 +
 +
 +
Երբ նրանք բարձրացան լաստի վրա, թագավորը նետվեց ինձ վրա և ցնցելով ուսերս ասաց․
 +
 +
― Փորձում էիր ծլկել, հա՞, լակո՛տ։ Ձանձրացա՞ր մեր ընկերակցությունի, հը՞։
 +
 +
Ես ասացի․
 +
 +
― Ոչ, ձերդ մեծություն, մենք չենք․․․ Խնդրում եմ, թողե՛ք ինձ, ձերդ մեծություն։
 +
 +
― Ուրեմն՝ ասա՛, շո՛ւտ, ի՞նչ էր միտքդ, թե չէ հիմա աղիքներդ կթափեմ։
 +
 +
― Ազնիվ խոսք, ես կպատմեմ ամեն ինչ այնպես, ինչպես պատահել է, ձերդ մեծություն։ Այն մարդը, որ բռնել էր ձեռքս, ինձ հետ շատ սիրալիր էր վարվում։ Շարունակ ասում էր, որ ինքը ունեցել է մոտավորապես ինձ հասակակից տղա։ Նա մեռել է անցյալ տարի, և այժմ ինքը ցավում է, երբ տեսնում է ինձ նման տղայի այսքան վտանգավոր դրության մեջ։ Երբ մարդիկ ոսկին գտնելիս հանկարծակիի եկան ու խուժեցին դեպի դագաղը, նա բաց թողեց ինձ ու շշնջաց․ «Դե՛, փախի՛ր, թե չէ քեզ անպայման կկախեն»։ Ես էլ դուրս թռա ու փախա։ Ի՞նչ միտք ուներ իմ այնտեղ մնալը։ Ես ոչինչ չէի կարող անել, և չէի ուզում կախվել այն ժամանակ, երբ կարող էի փախչել։ Ոչ մի տեղ կանգ չառա, մինչև գտա մի մակույկ, և երբ տեղ հասա, Ջիմին խնդրեցի, որ շտապի, թե չէ ինձ կբռնեն ու կկախեն։ Ասացի, որ վախենում եմ, թե դուք և դուքսը այժմ կենդանի չեք։ Ես դրա համար անչափ տխուր էի, նույնպես և Ջիմը։ Այժմ, երբ տեսա գալիս եք, շատ ուրախացա։ Հարցրեք Ջիմին, ճի՞շտ եմ ասում, թե՞ ոչ։
 +
 +
Ջիմն իմ ասածը հաստատեց, բայց թագավորը նրան հրամայեց լռել ու ասաց․
 +
 +
― Օ՜, այո՜, ինչպե՞ս չէ, ― և նորից սկսեց ցնցել ինձ։ Ասաց, որ, իր կարծիքով, պետք է ինձ խեղդել գետում։ Բայց դուքսը ասաց․
 +
 +
― Հանգիստ թողեք տղային, ծե՛ր հիմար։ Եթե դուք լինեիք նրա տեղը, այլ կե՞րպ կվարվեիք։ Երբ դուրս պրծաք, նրա մասին հարցրի՞ք։ Գոնե ես այդպիսի բան չեմ հիշում։
 +
 +
Թագավորը բաց թողեց ինձ, հայհոյեց այդ քաղաքը և այնտեղի ամեն մի բնակչի։ Բայց դուքսը ասաց․
 +
 +
― Ավելի լավ է՝ ինքներդ ձեզ հայհոյեք։ Դուք այն մարդն եք, որն ամենից շատ է արժանի դրան։ Հենց սկզբից ոչ մի խելացի բան չարեցիք։ Լավը միայն այն էր, որ երևակայական կապույտ սլաքի մասին խոսելիս ձեզ հանգիստ, սառը պահեցիք։ Դա հոյակապ էր, սքանչելի և դրա շնորհիվ մենք ազատվեցինք։ Եթե դա չլիներ, մեզ կբանտարկեին մինչև անգլիացիների կապոցներն ստացվելը, որից հետո մեզ կուղարկեին ուղիղ տուն։ Այդ մասին կասկած լինել չէր կարող։ Բայց ձեր հնարամտությունը նրանց տարավ գերեզմանատուն, իսկ ոսկին ավելի մեծ լավություն արեց։ Որովհետև, եթե այդ գրգռված հիմարները մեզ բաց չթողնեին ու չխուժեին ոսկու վրա, մենք այս գիշեր քնած կլինեինք փողկապներով, որոնք ավելի դիմացկուն են, քան մեզ է պետք։
 +
 +
Նրանք մի պահ լռեցին․ մտածում էին։ Թագավորը մի տեսակ մտացրիվ ասաց․
 +
 +
― Հը՜մ, իսկ մենք կարծում էինք, թե նեգրերն են գողացել։
 +
 +
Այդ խոսքից վախեցած կուչ եկա։
 +
 +
― Այո, ― ասաց դուքսը դանդաղ, հեգնաբար, ― կարծում էինք։
 +
 +
Մոտ կես րոպե լռելուց հետո թագավորը կմկմալով ասաց․
 +
 +
― Համենայն դեպս, ես այդպես էի կարծում։
 +
 +
Նույն եղանակով դուքսն ասաց․
 +
 +
― Ընդհակառակը, ե՛ս էի այդպես կարծում։
 +
 +
Թագավորը մի տեսակ թթվեցրեց դեմքն ու ասաց․
 +
 +
― Էհ, դրանով ի՞նչ եք ուզում ասել։
 +
 +
Դուքսը բավական կտրուկ պատասխանեց․
 +
 +
― Եթե բանն այդտեղ է հասել, ապա գուցե թույլ կտաք հարցնել, թե դուք ի՞նչ էիք ուզում ասել։
 +
 +
― Բա՛հ, ― բացականչեց թագավորը, չափազանց հեգնական եղանակով, ― չգիտեմ․․․ գուցե դուք քնած եք եղել և չեք իմացել, թե ինչ եք անում։
 +
 +
Դուքսը այստեղ կատաղեց․
 +
 +
― Բավական է հիմարություններ դուրս տաք։ Ի՞նչ է, ինձ ապուշի տե՞ղ եք դրել։ Չգիտե՞ք, որ ինձ հայտնի է, թե ով էր դրամը թաքցրել դագաղի մեջ։
 +
 +
― Այո, սըր, գիտեմ, որ գիտեք, որովհետև ինքներդ եք արել։
 +
 +
― Սո՛ւտ է, ― դուքսը հարձակվեց թագավորի վրա։
 +
 +
Թագավորը գոռաց․
 +
 +
― Ձեռքերդ հեռո՛ւ, թողե՛ք իմ կոկորդը։ Խոսքս ետ եմ վերցնում։
 +
 +
Դուքսն ասաց․
 +
 +
― Լավ, ամենից առաջ պետք է խոստովանեք, որ դո՛ւք եք այդ դրամը դագաղի մեջ թաքցրել, նպատակ ունենալով այս մեկ֊երկու օրը բաժանվել ինձանից, վերադառնալ, փորել, հանել այնտեղից և մենակ յուրացնել։
 +
 +
― Մի րոպե սպասեք, դուքս, միայն մի հարց։ Ինձ ազնվորեն պատասխանեցեք, թե դրամը դուք չե՞ք դրել այնտեղ։ Ես էլ կհավատամ ձեզ և ետ կվերցնեմ իմ բոլոր ասածները։
 +
 +
― Ծե՛ր սրիկա, ես չեմ դրել և դուք գիտեք, որ չեմ դրել։ Բավական չէ՞։
 +
 +
― Լավ, հավատում եմ ձեզ։ Բայց մի հարցի էլ պատասխանեցեք, միայն թե չզայրանաք։ Ձեր մտքո՞ւմ ել չեք մտածել ճանկել դրամը և թաքցնել։
 +
 +
Դուքսը մի պահ լռեց, ապա պատասխանեց․
 +
 +
― Լավ, ի՞նչ նշանակություն ունի, թե մտածել եմ, համենայն դեպս, չեմ թաքցրել։ Բայց դուք ոչ միայն մտածել եք, այլև ի կատար եք ածել։
 +
 +
― Թող երբեք հանգիստ մահվան չարժանանամ, դուքս, եթե ես եմ արել, ազնիվ խոսք։ Չեմ ասում, թե չէի ուզում անել, քանի որ մտքովս անցել է, բայց դուք կամ մեկ ուրիշը այդ գործում ինձ կանխել եք։
 +
 +
― Սո՛ւտ է։ Դո՛ւք եք արել և պետք է խոստովանեք, որ արել եք, թե չէ․․․
 +
 +
Թագավորն սկսեց շնչահեղձ լինել։ Ապա հառաչելով ասաց․
 +
 +
― Բավակա՛ն է․․․ Խոստովանում եմ։
 +
 +
Ես շատ ուրախացա, երբ լսեցի այդ։ Այժմ ինձ շատ ավելի թեթևացած էի զգում, քան առաջ։ Դուքսը հեռացրեց իր ձեռքերը նրա կոկորդից և ասաց․
 +
 +
― Եթե մեկ էլ ուրանաք այդ բանը, ձեզ գետում կխեղդեմ։ Ձեր այդ արարքից հետո այդտեղ նստելն ու երեխայի նման հեկեկալն էլ բավական է։ Դա ձեզ շատ է հարմար։ Իսկ և իսկ ջայլամ․ ուզում է ամեն ինչ կուլ տալ։ Իսկ ես միշտ վստահել եմ, իբրև հարազատ հորս։ Պետք է ամաչեիք, երբ այնտեղ կանգնած լսում էիք, թե ինչպես են հանցանքը բարդում խեղճ նեգրերի վրա։ Դուք ոչ մի արդարացնող խոսք չասացիք։ Ինքս իմ աչքում ծիծաղելի եմ դառնում, երբ մտածում եմ, որ ես այնքան մեղմ գտնվեցի, որ հավատացի այդ հիմարությանը։ Անիծվե՛ք դուք։ Այժմ հասկանում եմ, թե ինչու այն երեկո դուք ուզում էիք դրամի պակասը լրացնել․ ուզում էիք ինձանից կորզել այն դրամը, որ ձեռք էի բերել «ընձուղտից» և բոլորը մեկից հափշտակել։
 +
 +
Թագավորը երկչոտությամբ և դեռ քիթը վեր քաշելով ասաց․
 +
 +
― Դուքս, չէ՞ որ պակասը լրացնելու մասին դուք առաջարկեցիք, ոչ թե ես։
 +
 +
― Պապանձվե՛ք, այլևս չեմ ուզում ձեզ լսել, ― ասաց դուքսը, ― այժմ տեսնում եք, թե ինչ շահեցիք դրանից․ նրանք իրենց ամբողջ դրամը ետ ստացան, ինչպես և մեր ամբողջ ունեցածը, բացի մեկ֊երկու շեկելից։<ref>Մետաղադրամ, որը, եթե ոսկի է, արժե հինգ դոլար, եթե արծաթ է՝ 60 ցենտ։</ref> Գնացե՛ք քնելու․ այլևս չեմ ուզում, որ պակասը լրացնելուց խոսեք։
 +
 +
Թագավորը սողոսկեց հյուղակը և մխիթարվելու համար վերցրեց խմիչքի շիշը։ Դուքսն էլ շուտով իր շիշը վերցրեց և մոտ կես ժամ հետո նրանք նորից մտերմացան այնպես, ինչպես դա հատուկ է գողերին։ Եվ որքան շատ խմեցին, այնքան ավելի սիրալիր դարձան իրար նկատմամբ և իրար գրկած խռմփացրին։ Նրանք երկուսն էլ լիովին հարբել էին, բայց, ինչպես նկատեցի, թագավորն այնքան չէր հարբել, որ մոռանար հիշեցնել, թե ինքն է թաքցրել դրամը։ Այդ բանը հանգստացնում էր ինձ, և ես գոհ էի։ Իհարկե, երբ նրանք խռմփացնում էին, Ջիմն ու ես երկար խոսեցինք, և ես ամեն ինչ պատմեցի նրան։
 +
 +
 +
==Գլուխ երեսունմեկերորդ==
 +
 +
 +
Այնուհետև օրերով ոչ մի քաղաքում կանգ չառանք և անընդհատ շարժվեցինք գետն ի վար։ Այժմ տաք հարավում էինք և տնից շատ հեռու։ Հանդիպում էինք ծառերի, որոնց վրա աճել էր իսպանական մամուռը և ճյուղերից կախվել։ Այդ մամռափնջերը նման էին երկար, ալեխառն մորուքների։ Առաջին անգամն էր, որ տեսնում էի ծառի վրա աճած մամուռ։ Դա անտառին տալիս էր վեհաշուք, տխուր տեսք։ Այժմ այս խարդախները մտածում էին, թե վտանգից հեռու են, և նորից սկսեցին իրենց գործը գյուղերում։ Ամենից առաջ մի դասախոսություն կարդացին ժուժկալության մասին, բայց դրանից այնքան քիչ բան ստացվեց, որ երկուսով նույնիսկ մի անգամ լավ խմել չէին կարող։ Մի այլ գյուղում բաց արեցին պարի դպրոց, բայց նրանք ավելի լավ չգիտեին պարել, քան կենգուրուն։ Առաջին իսկ փորձից հետո հասարակությունը ներս խուժեց ու նրանց գյուղից դուրս վռնդեց։ Մի այլ անգամ փորձեցին հռետորական արվեստ ուսուցել, բայց նոր էին սկսել գոռգոռալ, երբ ունկնդիրները վեր կացան, մի լավ հայհոյեցին ու պահանջեցին հեռանալ գյուղից։ Թագավորն ու դուքսն սկսեցին զբաղվել առաքելությամբ, մեսմերականությամբ, բժշկությամբ, բախտագուշակությամբ։ Բայց բախտը նրանց կարծես չէր ժպտում։ Ի վերջո նրանք, գրեթե լիովին ձախորդության մատնված, վայր ընկան լաստի վրա, որը լողալով իջնում էր ցած, և մտածում էին, մտածում։ Ոչ մի բառ չէին արտասանում․ մռայլ էին, հուսահատ։
 +
 +
Վերջապես նրանք դուրս եկան այդ մունջ վիճակից։ Հյուղակում պառկած, գլուխ գլխի տված, ցածրաձայն ու գաղտնի, ժամերով մտերմաբար խորհրդակցում էին։ Ջիմն ու ես անհանգստացած էինք դրանց այդ խորհրդակցությունների պատճառով։ Այդ բանը մեզ դուր չէր գալիս։ Մեզ թվում էր, թե նրանք մտմտում են այնպիսի մի մեքենայություն, որը մինչ այդ եղածներից ամենասատանայականն է։ Մենք երկար֊բարակ ծանրութեթև արեցինք այդ հարցը և ի վերջո եկանք այն եզրակացության, որ նրանք ծրագրել են մեկի տունը կամ խանութը կողոպտել, կամ պատրաստվում են կեղծ դրամ կտրել կամ նման մի բան։ Շատ էինք ահաբեկված և որոշեցինք այլևս նման գործերի չմասնակցել, իսկ եթե որևէ նվազագույն առիթ ներկայանա, հաշիվներս փակել նրանց հետ, թողնել ու փախչել։
 +
 +
Մի անգամ, վաղ առավոտյան, մենք լաստը թաքցրինք Փայքսվիլ կոչվող ինչ֊որ խուլ գյուղաքաղաքից երկու մղոն ներքև։ Թագավորը դուրս եկավ ափ, մեզ պատվիրելով, որ այդպես թաքնված սպասենք, մինչև ինքը գնա այդ քաղաքը, իմանա, թե «Արքայական ընձուղտի» պատմությունը այնտեղ չի՞ հասել։ («Երևի ուզում ես տուն կողոպտել, ― ասացի ես մտքումս, ― և երբ վերջացնես կողոպտելը, կվերադառնաս այստեղ ու կզարմանաս, թե ինչ եղանք մենք՝ ես, Ջիմն ու լաստը»)։ Նա ասաց, որ եթե մինչև կեսօր չվերադառնա, դուքսը և ես կարող ենք մտածել, որ գործը հաջող է գնում և դուրս գանք ափ ու հետևենք իրեն։
 +
 +
Մենք մնացինք լաստի վրա։ Դուքսը զայրույթից քրտնել էր և չափազանց թթված էր երևում։ Նա ամեն ինչի համար հանդիմանում էր մեզ, կարծես մենք ոչ մի բան ճիշտ չէինք կատարում։ Ամեն մի չնչին բանի մեջ թերություն էր տեսնում։ Ինչ֊որ մի բան, անկասկած, տեղի էր ունենում։ Ես շատ ուրախ էի և լավ էի զգում ինձ, երբ կեսօրին թագավորը չվերադարձավ։ Կարող էր դրությունը փոխվել, և գուցե դուրս գայինք այդ վիճակից։ Դուքսն ու ես գնացինք քաղաք՝ թագավորին որոնելու։ Շուտով նրան գտանք մի փոքրիկ, կեղտոտ գինետան ետևի սենյակում՝ հարբած վիճակում։ Մի քանի դատարկաշրջիկներ զվարճության համար զայրացնում էին նրան, իսկ նա իր ամբողջ ուժով հայհոյում, սպառնում էր։ Այնպես էր հարբել, որ չէր կարող ոտքի վրա կանգնել և նրանց որևէ բան անել։ Դուքսը նրան ծեր հիմար անվանեց, թագավորն էլ պակաս չթողեց։ Հենց որ բավական տաքացան, ես դուրս ծլկեցի և եղնիկի պես գետափնյա ճանապարհով վազեցի ներքև, քանի որ դա նրանցից ազատվելու լավ առիթ էր։ Ես մտածում էի, թե երկար ժամանակ կանցնի, մինչև նրանք տեսնեն մեզ, եթե երբևէ տեսնեն։ Ես շնչակտուր հասա լաստին, և ուրախ֊ուրախ ձայն տվի․
 +
 +
― Արձակի՛ր լաստը, Ջիմ․ այժմ ամեն ինչ լավ է։
 +
 +
Բայց ոչ մի պատասխան չլսվեց, ոչ ոք դուրս չեկավ հյուղակից։ Ջիմը կորել էր։ Բարձրաձայն բղավեցի, նորից ու նորից կանչեցի, վազեցի անտառ, գոռգոռացի, բայց իզուր։ Ծերունի Ջիմը չկար։ Նստեցի ու լաց եղա․ չէի կարող ինձ զսպել։ Երկար նստել չկարողացա։ Շուտով դուրս եկա ճանապարհ, մտածելով, թե ինչ անեմ, որ լավ լինի։ Վազեցի մի տղայի մոտ, որ գնում էր ճանապարհով և հարցրի, թե չի՞ տեսել օտար նեգրի։ Նկարագրեցի Ջիմի հագուստներն ու արտաքինը։ Տղան ասաց․
 +
 +
― Տեսել եմ։
 +
 +
― Որտե՞ղ, ― հարցրի ես։
 +
 +
― Սայլա Փելփսի ագարակում, այստեղից երկու մղոն ներքև։ Նա փախած նեգր է, բռնեցին։ Չլինի՞ նրան եք որոնում։
 +
 +
― Իսկի էլ չէ։ Ես մեկ֊երկու ժամ առաջ անտառում անցա նրա առջևով, և նա ասաց, որ եթե բղավեմ, աղիքներս դուրս կթափի։ Ասաց, որ նստեմ ու չշարժվեմ տեղիցս։ Այդպես էլ արեցի։ Մինչև հիմա նստած էի, վախենում էի դուրս գալ անտառից։
 +
 +
― Լավ, ― ասաց նա, ― այլևս վախենալու կարիք չկա, որովհետև նրան արդեն բռնել են։ Նա փախել է հարավից, ինչ֊որ տեղից։
 +
 +
― Լավ է, որ բռնել են։
 +
 +
― Այո, կարծում եմ։ Նրան բռնողին երկու հարյուր դոլարի պարգև են խոստացել։ Դա ոնց որ ճանապարհին գտած փող լինի։
 +
 +
― Այո, և ես կկարողանայի ձեռք բերել այդ պարգևը, եթե բավական մեծ լինեի․ առաջին անգամ ե՛ս տեսա նրան։ Ո՞վ է բռնել։
 +
 +
― Մի ծեր մարդ, ինչ֊որ եկվոր։ Նա իր իրավունքը վաճառեց քառասուն դոլարով, որովհետև գետն ի վեր է բարձրանում և սպասել չի կարող։ Դե՛հ մտածիր։ Ազնիվ խոսք, եթե ես լինեի, կսպասեի, թեկուզ յոթ տարի։
 +
 +
― Ես էլ կսպասեի, ― ասացի ես, ― բայց գուցե նրա իրավունքը դրանից ավել չարժե, եթե նա այդքան էժան է այն վաճառել։ Գուցե ինչ֊որ թյուրիմացություն կա այդտեղ։
 +
 +
― Ոչ, գործը նույնքան հարթ և ուղիղ է, ինչպես թելը։ Ես ինքս եմ տեսել հայտագիրը։ Ամեն ինչ այնտեղ նկարագրված է, յուրաքանչյուր կետ, ոնց որ նկարած լինեն այդ նեգրին։ Ասված է, թե ո՛ր պլանտացիայից է, փախել է Նոր Օռլեանից ներքև գտնվող ինչ֊որ տեղից։ Ոչ, սըր, այդ առևտրի մեջ սխալ չկա․ կարող եմ գրազ գալ։ Ասա, չե՞ս կարող ինձ քիչ ծամելու ծխախոտ տալ։
 +
 +
Ես ծխախոտ չունեի, և նա թողեց գնաց։ Վերադարձա լաստը և նստեցի հյուղակում մտածելու։ Բայց չկարողացա որևէ եզրակացության գալ։ Այնքան մտածեցի, մինչև գլուխս սկսեց ցավել, բայց ստեղծված դրությունից դուրս գալու ոչ մի ելք չգտա։ Այս երկար ճանապարհորդությունից, այդ սրիկաների համար այդքան բան անելուց հետո ամեն ինչ զուր անցավ, ամեն ինչ ավերվեց, խորտակվեց, որովհետև այդ մարդիկ ընդունակ էին նման խաղ խաղալու Ջիմի գլխին և նորից նրան դարձնելու ստրուկ՝ ամբողջ կյանքում, այս օտարականների մոտ, այն էլ քառասուն կեղտոտ դոլարի համար։
 +
 +
Նույնիսկ մտածեցի, որ Ջիմի համար հազար անգամ ավելի լավ կլիներ ստրուկ մնալ նախկին տեղում, իր ընտանիքի հետ, եթե պետք է մնար ստրուկ։ Նպատակահարմար գտա մի նամակ գրել Թոմ Սոյերին, խնդրելով, որ հայտնի միսս Ուոթսոնին, թե որտեղ է Ջիմը։ Բայց շուտով հրաժարվեցի այդ մտքից, նկատի ունենալով երկու հանգամանք։ Առաջինը․ միսս Ուոթսոնը կկատաղեր, անզգամության ու ապերախտության համար չէր ների Ջիմին, որն այդպես լքել էր իրեն, նորից գետով կուղարկեր ներքև և կվաճառեր։ Երկրորդը, եթե այդպես չաներ էլ, միևնույն էր, բոլորն էլ կարհամարհեին ապերախտ նեգրին և անընդհատ այդ բանը զգացնել կտային, և նա իրեն կզգար նախատված ու նվաստացած։ Բացի այդ, մտածում էի ես, ամենուրեք կիմացվեր, որ Հեք Ֆիննը օգնել է մի նեգրի, որ նա ազատություն ձեռք բերի։ Եվ եթե ես  այդ քաղաքից որևէ մեկին նորից տեսնեի, ամոթից պիտի խոնարհվեի և համբուրեի նրա կոշիկները։ Միշտ այդպես է լինում․ մարդիկ ստոր գործեր են կատարում և ապա չեն ցանկանում պատասխան տալ։ Մտածում էի, քանի որ դեռ մարդ կարող է թաքցնել իր վատ վարմունքը, դա անպատվություն չէ։ Նույնը վերաբերում էր և ինձ։ Որքան ուսումնասիրում էի այս հարցը, այնքան խիղճս շարունակում էր նեղել ինձ, և նույնքան անզգամ, չար, ստոր էի զգում ինքս ինձ։ Եվ, վերջապես, հանկարծ գլխումս միտք ծագեց, թե այստեղ պարզորոշ երևում է նախախնամության ձեռքը, որն ապտակում է ինձ և զգացնել տալիս, թե իմ չարությունը ոչ մի րոպե ազատ չէ երկնքի հսկողությունից, և նախախնամությունը տեսնում է, որ ես մի խեղճ, ծեր կնոջից գողանում եմ նրա նեգրին, այն կնոջից, որն ինձ երբեք ոչ մի վնաս չի տվել։ Եվ այժմ դրանով ցույց է տալիս, որ մեկը միշտ դիտարանից նայում ու թույլ չի տալիս, որ այսպիսի ողորմելի գործերը շարունակվեն։ Ես այնպես վախեցա, որ ծնկներս թուլացան։ Ինչ որ է, փորձեցի հնարավորին չափ մեղմել հանցանքս, ասելով, որ ինձ ոչ մի լավ բան չեն սովորեցրել, ուրեմն՝ այնքան էլ մեղավոր չեմ։ Բայց միաժամանակ ներքին մի ձայն անընդհատ կրկնում էր․ «Չէ՞ որ կար կիրակնօրյա դպրոց, և դու կարող էիր հաճախել, իսկ երբ հաճախեիր, նրանք քեզ կսովորեցնեին, որ եթե մի մարդ նեգրի հետ վարվի այնպես, ինչպես ես էի վարվել, հավիտյան դժոխք կգնա»։
 +
 +
Այդ մասին մտածելիս դողում էի։ Մտքումս վճռեցի աղոթել և տեսնել, թե չե՞մ կարող չլինել այնպիսին, ինչպիսին եղել էի, այլ լինել լավ տղա։ Ծունկի իջա։ Բայց աղոթքի բառերը դուրս չէին գալիս իմ բերանից։ Իսկ ինչո՞ւ։ Անօգուտ էր փորձել այն թաքցնել թե՛ աստծուց, թե՛ ինձանից։ Ես շատ լավ գիտեի, թե ինչու այդ բառերը դուրս չեն գալիս։ Պատճառն այն էր, որ ես իրավացի չէի, արդար չէի, կեղծ դեր էի կատարում, գտնում էի, որ պետք է հեռու մնալ հանցանքից, բայց իմ հոգու խորքում կառչել էի ամենամեծ հանցանքից։ Ջանք էի թափում, որ բերանիցս դուրս գային այդ բառերը, թե, իբր, ուզում եմ հետևել ճշմարտությանը, վարք ու բարքով լինել մաքուր, այդ նեգրի տիրոջը գրել, թե որտեղ է Ջիմը։ Բայց հոգուս խորքում գիտեի, որ դա սուտ է, և աստծուն հայտնի է այդ կեղծիքը։ Հնարավոր չէ սուտ բանի համար աղոթել․ ես այդ զգացի։
 +
 +
Խճճվեցի։ Չգիտեի, թե ինչ անեմ։ Վերջապես գլխումս միտք ծագեց։ Ինքս ինձ ասացի․ կգրեմ նամակը և ապա կտեսնեմ, թե կարո՞ղ եմ աղոթել։ Այդ որոշման արդյունքն ապշեցուցիչ էր․ իսկույն ինձ այնպես թեթև զգացի, փետուրից ավելի թեթև, և ամեն ինչ դարձավ պարզ։ Վերցրի թուղթ ու մատիտ, ուրախ ու հուզված նստեցի և գրեցի․
 +
 +
«Միսս Ուոթսոն, ձեր փախած նեգր Ջիմն այստեղ է, Փայքսվիլից երկու մղոն ներքև»։ Նա միստր Ֆելփսի տանն է, և միստր Ֆելփսը նրան կվերադարձնի ձեզ, եթե նրան ուղարկեք ձեր խոստացած գումարը։
 +
 +
::::::::::::::::::::::::::Հեք Ֆինն»։
 +
 +
Ես մեկից ինձ լավ զգացի և հանցանքից ամբողջովին մաքրված։ Կյանքումս առաջին անգման էր, որ ինձ այդպես թեթևացած էի զգում։ Գիտեի, որ այժմ կարող եմ աղոթել։ Բայց անմիջապես չարեցի այդ բանը, թուղթը դրի առջևս և նստած՝ երկար մտածեցի։ Մտածում էի, թե որքան լավ էր, որ այս բոլորն այսպես եղավ, և որքան մոտ էի կորչելուն ու դժոխք գնալուն։ Այդպես շարունակեցի մտածել։ Մտածում էի գետով կատարած մեր ամբողջ ճանապարհորդության մասին։ Ջիմը ոչ մի վայրկյան աչքիս առջևից չէր հեռանում։ Հիշում էի, թե ինչպես միասին սահում էինք գետի վրայով՝ երբեմն ցերեկը, երբեմն գիշերը, երբեմն լուսնի շողերի տակ, երբեմն փոթորկի մեջ, և ամբողջ ժամանակ խոսում էինք, երգում, ծիծաղում։ Ես երբեք չէի կարողանում հիշել այնպիսի մի պահ, որն ինձ տրամադրեր նրա դեմ։ Ընդհակառակը։ Ես նրան տեսնում էի իմ փոխարեն պահակ կանգնած, երբ իր հերթն անցած էր լինում։ Նա չէր արթնացնում ինձ, որպեսզի ավելի երկար քնեմ։ Հիշեցի նրա ուրախությունը, երբ ես, մշուշից դուրս եկած, հասա մեր լաստը․ որքա՜ն ուրախացավ, երբ այն տոհմական  ընդհարումից հետո ողջ֊առողջ վերադարձա նրա մոտ՝ մորուտը։ Հիշեցի նման բազմաթիվ պահեր։ Նա ինձ միշտ «քաղցրիկս» էր կանչում, փաղաքշում ինձ, ինձ համար անում այն ամենը, ինչ մտքով անցներ։ Որքա՜ն բարի էր նա։ Վերջապես հիշեցի այն օրը, երբ ես ազատեցի նրան, ասելով մարդկանց, թե լաստի վրա ծաղկով հիվանդացած մարդ կա, և որքա՜ն նա երախտապարտ զգաց իրեն և ասաց, որ աշխարհում ես իր ամենալավ բարեկամն եմ, իսկ այժմ՝ միակ բարեկամը։ Այո, մտածմունքների մեջ նայեցի շուրջս ու կողքիս տեսա այդ թուղթը։
 +
 +
Ես վերցրի այն ու պահեցի բռիս մեջ։ Դողում էի, որովհետև պետք է վերջնականորեն ընտրեի երկու պայմաններից մեկը։ Մի րոպե շունչս պահած մտորում էի, ապա ինքս ինձ ասացի․
 +
 +
― Լավ, դժոխք կգնամ, ― պատռեցի նամակը։
 +
 +
Սարսափելի մտքեր, սարսափելի բառեր։ Բայց այդ բառերն արդեն արտասանվել էին, և ես թողեցի, որ ասված էլ մնան։ Այլևս չմտածեցի ինքս ինձ բարեփոխելու մասին։ Այդ ամբողջ հարցը դուրս նետեցի իմ գլխից։ Եվ ասացի, որ նորից կմեղանչեմ․ դա էր իմ ճակատագիրը, քանի որ ինձ ոչ մի լավ բան չէին սովորեցրել։ Ամենից առաջ կգնամ և, առանց ջանք խնայելու, Ջիմին կգողանամ, կազատեմ ստրկությունից։ Եթե ավելի վատ բան մտածեմ, այն էլ կանեմ, որովհետև ինձ համար միևնույն է կործանվելու եմ, ուրեմն և կարող եմ ամեն տեսակի խոզության դիմել։
 +
 +
Նստեցի մտածելու, թե ինչպես հասնեմ նպատակիս։ Շատ միջոցներ հիշեցի և վերջապես կանգ առա դրանցից մեկի վրա, որն ինձ թվաց ամենից ավելի հարմար։ Ես լավ աչքի անցկացրի փոքր֊ինչ ներքևում գտնվող անտառածածկ կղզու դիրքը, և հենց որ բավական մթնեց, լաստով ճանապարհ ընկա դեպի այդ կղզին, լաստը թաքցրի այնտեղ ու պառկեցի քնելու։ Ամբողջ գիշերը քնեցի։ Լույսը չբացված վեր կացա, նախաճաշեցի, հագա խանութից նոր գնած հագուստներս, հին շորերս և մյուս իրերս հավաքեցի, մի կապոց դարձրի, նավակ նստեցի և ուղևորվեցի դեպի ափը։ Դուրս եկա այնպիսի մի տեղ, որը, իմ կարծիքով, Ֆելփսի ագարակից ներքև պիտի լիներ։ Կապոցս թաքցրի անտառում, նավակը լցրի ջրով, քարեր գցեցի մեջը և գետակի ափին կառուցված մի սղոցարանից քառորդ մղոն ներքևում սուզեցի ջրի տակ, այն հաշվով, որ ուզած ժամանակ կարողանամ հեշտությամբ գտնել ու դուրս բերել։
 +
 +
Ճանապարհով բարձրացա, և երբ անցա սղոցարանի մոտով, ճակատին նկատեցի «Ֆելփսի սղոցարան» ցուցանակը։ Երբ հասա ագարակատներին, երկու֊երեք հարյուր քայլ այդտեղից հեռու, նայեցի շուրջս։ Թեև արդեն կատարյալ լույս էր, բայց ոչ ոքի չտեսա։ Այդ մասին չէի էլ մտածում, որովհետև առայժմ ոչ ոքի չէի ուզում տեսնել։ Ուզում էի միայն ծանոթանալ վայրին։ Իմ հաշվով պետք է ագարակ գայի ոչ թե գետի կողմից, այլ գյուղաքաղաքից։ Ուստի մի հայացք գցեցի շուրջս և շարունակեցի ճանապարհս ուղիղ դեպի քաղաք։ Երբ տեղ հասա, մեծ զարմանքով տեսա, որ ինձ հանդիպած առաջին մարդը դուքսն է։ Նա պատին փակցնում էր «Արքայական ընձուղտ» աֆիշը, միայն երեք ներկայացում, ինչպես որ գրել էին առաջին անգամ։ Այդ խաբեբաները դեռ երես ունեին նման բաներ անելու։ Ես ժամանակ չունեցա խույս տալու և ուղղակի կանգնեցի նրա առջև։ Նա, կարծես զարմացած, նայեց ինձ ու ասաց․
 +
― Օհո՜։ Որտեղի՞ց եկար։ ― Ապա մի տեսակ ուրախացած հարցրեց, ― որտե՞ղ է լաստը, լավ տեղ թաքցրե՞լ ես։
 +
 +
― Հենց ինքս էի ուզում այդ մասին հարցնել ձերդ պայծառափայլությանը։
 +
 +
Այդ լսելիս տրամադրությունը մասամբ ընկավ․
 +
 +
― Ի՞նչ նպատակով ես ինձ հարցնում, ― ասաց նա։
 +
 +
― Դե՛հ, ― ասացի ես, ― երբ երեկ տեսա թագավորին այն գինետանը, ինքս ինձ ասացի, թ հնարավոր չէ նրան այդ վիճակում տուն տանել․ ժամեր են պետք, մինչև զգաստանա։ Դուրս եկա մի փոքր շրջելու քաղաքում և սպասելու։ Մի մարդ մոտեցավ ինձ ու առաջարկեց տասը ցենտ, որ օգնեմ իրեն, նավակը միասին տանենք գետի մյուս կողմը և այնտեղից բերենք մի ոչխար։ Ես էլ գնացի։ Բայց երբ ոչխարը քաշում էինք նավակի մեջ, մարդը պարանի ծայրը ինձ տվեց ու ինքը գնաց ետևից հրելու։ Ոչխարն ինձնից ուժեղ էր․ ձեռքիցս պոկվեց ու փախավ․ վազեցինք ետևից․ մեզ մոտ շուն չկար, և մենք ստիպված էինք հետապնդել այնքան ժամանակ, մինչև նա ուժասպառ կանգ առավ։ Երբ բռնեցինք, արդեն մթնել էր։ Ոչխարը բերեցինք քաղաք, և ես գնացի դեպի լաստը։ Երբ տեղ հասանք, տեսա, որ լաստը չկա։ Ինքս ինձ ասացի․ «Այս մարդիկ նեղության մեջ են ընկել և ստիպված են եղել փախչել, իրենց հետ տանելով նեգրին։ Աշխարհում իմ ունեցած միակ նեգրը դա էր, իսկ ես այժմ ընկել եմ օտար երկիր և ոչ մի սեփականություն, ոչինչ չունեմ, ոչ էլ ապրելու միջոց»։ Նստեցի ու սկսեցի լաց լինել։ Գիշերը քնեցի անտառում։ Բայց ի՞նչ եղավ լաստը․․․ Ջիմը․․․ խե՜ղճ Ջիմ․․․
 +
 +
― Անիծվեմ, եթե գիտեմ, թե ինչ եղավ լաստը։ Այդ ծեր հիմարը ինչ֊որ բան էր վաճառել և քառասուն դոլար էր ձեռք բերել։ Երբ մենք գտանք նրան գինետանը, թափառաշրջիկները բախտախաղով նրանից կորզել էին ամբողջ դրամը, բացի այն գումարից, որ նա վճարել էր խմիչքի դիմաց։ Եվ ուշ երեկոյան, երբ նրան տարա տուն, պարզվեց, որ լաստը չկա։ Մենք ասացինք «Այդ փոքրիկ սրիկան գողացել է մեր լաստը և մեզ լքելով՝ փախել»։
 +
 +
― Բայց մի՞թե ես կլքեի իմ նեգրին, ամբողջ աշխարհում իմ ունեցած միակ նեգրին, միակ սեփականությունը։
 +
 +
― Մենք այդ մասին երբեք չենք մտածել։ Փաստն այն է, որ մենք վարժվել ենք  նրան մեր նեգրը համարել։ Այո, մերն էինք համարում։ Աստծուն է հայտնի, թե որքան նեղություն կրեցինք նրա համար։ Երբ տեսանք, որ լաստը չկա և մենք էլ կոտր ենք ընկել, մեզ ոչինչ չէր մնում, բացի մեկ անգամ էլ «Արքայական ընձուղտ» փորձելուց։ Իսկ ես առավոտից ժրաջան աշխատում եմ և չորացել եմ, ինչպես վառոդամանը։ Ո՞ւր է տասը ցենտը։ Տուր տեսնեմ։
 +
 +
Ինձ մոտ դրամ շատ կար։ Տասը ցենտ տվեցի, բայց խնդրեցի, որ ուտելու բան առնի և մի քիչ էլ ինձ տա, քանի որ իմ ունեցած ամբողջ դրամն այդ էր, և ես էլ երեկվանից ոչինչ չեմ կերել։ Նա ոչինչ չասաց։ Դարձավ իմ կողմն ու ասաց․
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, այդ նեգրը մեզ չի՞ մատնի։ Մենք նրան կմաշկենք, եթե նա այդպիսի բան անի։
 +
 +
― Ինչպե՞ս նա կարող է այդպիսի բան անել։ Չէ՞ որ նա փախել է։
 +
 +
― Ոչ, այդ ծերուկ հիմարը վաճառել է նրան, ինձ ստացածից ոչինչ չի տվել և դրամն էլ քամուն է տվել։
 +
 +
― Վաճառե՞լ է, ― ասացի ես և սկսեցի լաց լինել, ― բայց չէ՞ որ նա իմ նեգրն էր, և դրամն էլ իմը․․․ Որտե՞ղ է նա։ Ես իմ նեգրին եմ ուզում։
 +
 +
― Լավ, այլևս դու քո նեգրին տեր չես դառնա, ամեն ինչ վերջացել է, այնպես որ լացուկոծիդ վերջ տուր։ Ինձ նայիր, կարծում ես, թե կհամարձակվե՞ս մեզ մատնել։ Անիծվեմ, եթե քեզ հավատամ։ Իսկ եթե մեզ մատնես․․․
 +
 +
Նա կանգ առավ։ Ես երբեք չէի տեսել, որ դուքսն այդպես ահռելի հայացքով նայեր։ Ես շարունակեցի թնգթնգալ և ասացի․
 +
 +
― Ես ոչ ոքի մատնել չեմ ուզում, ոչ էլ ժամանակ ունեմ մատնելու․ ես պետք է գնամ՝ իմ նեգրին գտնեմ։
 +
 +
Երևում էր, որ ասածս դուր չեկավ, որովհետև նա կանգ առավ, մտածեց ու կնճռոտեց ճակատը։ Աֆիշները թրթռում էին նրա թևերին։ Վերջապես ասաց․
 +
 +
― Ես քեզ մի բան ասեմ։ Մենք այստեղ մնալու ենք երեք օր։ Եթե խոստանաս, որ չես մատնի մեզ և չես թողնի, որ քո նեգրը մատնի մեզ, ես կասեմ, թե որտեղ գտնես նրան։
 +
 +
Ես խոստացա չմատնել, և նա ասաց․
 +
 +
― Մի ֆերմեր, որի անունն է Սայլաս Ֆ․․․ ― և նա կանգ առավ։
 +
 +
Ինչպես տեսնում եք, նա ճշմարտությունն ասաց, բայց երբ այդ ձևով կանգ առավ ու նորից մտածմունքի մեջ ընկավ, ենթադրեցի, թե զղջաց։ Եվ, իսկապես, միտքը փոխեց։ Նա ինձ չէր վստահում և ուզում էր, որ այդ երեք օրն այդտեղ չլինեի։ Շուտով թե․
 +
 +
― Նրան գնող մարդու անունն Աբրամ Ֆոստեր է, Աբրամ Ջ․ Ֆոստեր, և նա ապրում է այստեղից քառասուն մղոն հեռու գյուղական մի շրջանում, Լաֆայետ տանող ճանապարհի վրա։
 +
 +
― Լավ, ― ասացի, ― երեք օրում քայլելով կհասնեմ, հենց այսօր կեսօրից հետո ճանապարհ կընկնեմ։
 +
 +
― Ոչ, մի՛ ուշացնի, հենց հիմա գնա, ժամանակ մի՛ կորցնի, ոչ էլ ճամփին սրա֊նրա հետ շաղակրատիր։ Լեզուդ քեզ քաշիր ու գնա, այդ դեպքում մեզանից քեզ ոչ մի վնաս չի հասնի, լսո՞ւմ ես։
 +
 +
Հենց իմ ուզածն էլ այդ էր, հենց դրա համար էի այդ դերը խաղում։ Ես ուզում էի ազատ լինել, որպեսզի իմ ծրագրերին հետևեի։
 +
 +
― Դե՛ գնա, ― ասաց նա, ― կարող ես միստր Ֆոստերին ասել, ինչ ուզում ես։ Գուցե կարողանաս համոզել, որ Ջիմը քո նեգրն է։ Որոշ հիմարներ փաստաթուղթ չեն պահանջում։ Համենայն դեպս հարավում, ինչպես լսել եմ, այդպիսի մարդիկ կան։ Եվ երբ դու նրան ասես, որ կեղծ են հայտարարությունն ու խոստացած պարգևը, գուցե նա հավատա քեզ, մանավանդ երբ բացատրես, թե ինչ նպատակով են դրանք պատրաստվել։ Այժմ ճանապարհ ընկիր և կարող ես նրան ասել, ինչ ցանկանում ես։ Միայն թե լսիր․ ճանապարհին լեզուդ քեզ պահիր։
 +
 +
Ես բաժանվեցի նրանից, ուղղություն վերցնելով դեպի այդ շրջանը։ Ետ չէի նայում, չնայած զգում էի, որ նա հետևում է ինձ։ Բայց չգիտեի, որ կարող եմ նրան շատ շուտ հոգնեցնել։ Առանց կանգ առնելու գնացի մի ամբողջ մղոն։ Ապա անտառի միջով ետ դարձա դեպի Ֆելփսի ագարակը։ Մտադիր էի իսկույն գործի անցնել, առանց դեսուդեն ընկնելու։ Ուզում էի, որ Ջիմը փակեր իմ բերանը, մինչև այս խարդախները հեռանային։ Այլևս դրանց հետ գործ ունենալու ցանկություն չունեի։ Արդեն կշտացել էի և այժմ ուզում էի գլուխս ազատել դրանցից։
 +
 +
==Գլուխ երեսուներկուերորդ==
 +
 +
 +
Երբ հասա այդ կալվածքը, ամենուրեք խաղաղ էր, ինչպես կիրակի օրերը, շոգ ու արևոտ։ Աշխատող մարդիկ գնացել էին դաշտ։ Օդում նվաղուն բզզում էին բզեզներն ու ճանճերը, և դա առաջացնում էր ամայության ու տխրության զգացում։ Թվում էր, թե ամեն ինչ մեռած է։ Իսկ եթե զեփյուռը մեղմ փչում էր, և տերևները դողդողում էին, մարդու համակում էր սոսկալի մի զգացում․ թվում էր, թե ոգիներն են շշնջում, հոգիներն այն մարդկանց, ովքեր մեռել էին շատ տարիներ առաջ։ Միշտ մտածում ես, թե քո մասին են խոսում։ Ընդհանրապես դա մարդկանց մեջ մեռած լինելու ցանկություն է առաջացնում, որով և ամեն ինչ վերջանում է։
 +
 +
Ֆելփսի ագարակն այն փոքրիկ, աննշան պլանտացիաներից էր, որոնք բոլորն էլ նման են իրար։ Երկու ակրանոց<ref>Հողային չափ, 4047 ք․ մ․։</ref> բակը շրջափակված էր ձողերով։ Ցանկապատն անցնելու համար սանդուղք էին պատրաստել փայտի կոճղերից․ դրանք սղոցել էին տարբեր բարձրությամբ և շարել իրար կողքի այնպես, որ կարծես տարբեր երկարության տակառներ լինեին։ Կանայք այդ սանդուղքն օգտագործում էին նաև ձի հեծնելիս։ Ընդարձակ բակում տեղ֊տեղ երևում էին կծղած խոտեր, բայց մեծ մասամբ հողը մերկ էր ու հարթ, նման հին գլխարկի, որի մազմզուկը մաշվել թափվել է։ Բակում երևում էր կրկնակի կոճղերից կառուցված մի մեծ տուն, որտեղ ապրում էին սպիտակամորթները։ Գերանները հղկված էին, և արանքները լցված կավով կամ կրով։ Երևում էր, որ այս կավե շերտերը շատ վաղուց էին սպիտակեցրել։ Կլոր, չտաշած գերաններից պատրաստած խոհանոց, մեծ, լայն, կողքերը բաց, բայց վերևից ծածկված միջանցքով միանում էր տանը։ Խոհանոցի ետևում կոճղերից պատրաստել էին ապխտանոց։ Կար երեք փոքրիկ խրճիթ՝ նեգրերի համար։ Դրանք շարված էին իրար կողի ապխտանոցից այն կողմ։ Ահա մի փոքրիկ հյուղակ, բոլորովին առանձին՝ ցանկապատին կպած, իսկ մյուս կողմի վրա՝ մի քանի տուն։ Հյուղակի կողքին կար մոխիր հավաքելու տեղ, ինչպես և օճառ եփելու կաթսա։ Խոհանոցի դռան մոտ կար նստարան, կողքին մի ջրաման և մի ջրդդում։ Արևի տակ քնել էր մի որսաշուն։ Կային և այլ շներ՝ այս ու այն կողմ քնած։ Անկյունում կային ստվերախիտ երեք ծառ, ցանկապատի մոտ՝ հաղարջի թփուտներ, ցանկապատից դուրս՝ մի բանջարանոց և ձմերուկի մարդ։ Այնուհետև սկսվում էր բամբակի դաշտը, իսկ դաշտից այն կողմ՝ անտառը։
 +
 +
Ես պտտվեցի պարսպի շուրջը և մոխրակույտի վրա բարձրանալով՝ իջա բակը։ Շարժվեցի դեպի խոհանոցը։ Մի քանի քայլ էի անցել, երբ լսեցի ճախարակի անվի բարձրացող ու իջնող խուլ, ողբաձայն մրմունջը։ Այնքան տխուր էր այդ ձայնը, որ ես ցանկացա մեռնել։
 +
 +
Շարունակեցի շարժվել առաջ, առանց պատկերացնելու անելիքս, հույս դնելով միայն նախախնամության վրա։ Աստծո օգնությամբ հարկ եղած դեպքում մի բան կանեմ։ Մինչ այդ հաճախ էի նկատել, որ նախախնամությունը միշտ էլ օգնել է, երբ ինքս նրան չեմ խանգարել։
 +
 +
Ճանապարհի կեսն անցել էի, երբ մի շուն, ապա մի ուրիշը վրա տվին։ Կանգ առա ու նայեցի նրանց՝ առանց տեղիցս շարժվելու։ Մեկ էլ որ հաչեցին, քառորդ րոպե չանցած ես, շրջապատված շներով, նման էի անվակենտրոնի, իսկ դրանք կարծես անվաճաղեր լինեին։ Տասնհինգ շնից կազմված օղակը շրջապատել էր ինձ, վզերն ու քթները դուրս պրծած՝ հաչում ու կաղկանձում էին։ Գալիս էին և նորերը։ Պետք էր տեսնել, թե ինչպես դրանք թռչում են ցանկապատերի վրայով, վրա տալիս անկյուններից ու բոլոր կողմերից։
 +
 +
Մի նեգր կին, գրտնակը ձեռքին, դուրս վազեց խոհանոցից, և բղավեց․ «Կորե՛ք, Վա՛գր, Սփո՛թ, հեռացե՛ք, սը՛ր»։ Նա նախ մեկին և ապա մյուսին գրտնակով խփեց։ Շները կաղկանձելով հեռացան, մնացածները հետևեցին նրանց։ Հաջորդ վայրկյանին նրանց կեսը ետ եկավ և շրջապատեց ինձ։ Պոչները շարժելով ուզում էին ինձ հետ բարեկամանալ։ Շունը երբեք վնաս չի տա մարդուն։
 +
 +
Կնոջ ետևից եկան մի փոքրիկ նեգր աղջիկ և երկու փոքրիկ նեգր տղա, որոնց հագին քաթանե շապիկներից բացի, ոչինչ չկար։ Նրանք մոր զգեստից կախված գաղտագողի նայում էին ինձ փոքրերին հատուկ ամաչկոտությամբ։ Ահա դուրս վազեց նաև քառասունհինգ֊հիսուն տարեկան սպիտակամորթ մի կին՝ գլխաբաց և իլիկը ձեռքին։ Մորն էին հետևում փոքրիկ, սպիտակ երեխաները։ Սրանք էլ վարվեցին այնպես, ինչպես փոքրիկ նեգրերը։ Այդ կինն այնպես էր ծիծաղում, որ հազիվ էր կարողանում ոտքի վրա կանգնել։ Նա ասաց․
 +
 +
― Դո՜ւ ես, վերջապես եկա՞ր, հա՞։
 +
 +
Առանց երկար֊բարակ մտածելու վրա բերեցի․
 +
 +
― Այո, տիկին։
 +
 +
Նա ինձ գրկեց ու ամուր սեղմեց իր կրծքին, ապա բռնեց ձեռքերս, երկար֊երկար ցնցեց։ Աչքերը լցվեցին արցունքներով, և տաք շիթերը գլորվեցին այտերն ի վար։ Նա գրկելուց ու ցնցելուց չէր հագենում և անընդհատ ասում էր․
 +
 +
― Դու այնքան էլ մորդ նման չես, որքան ենթադրում էի, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։ Որքա՜ն ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։ Սիրելիս, սիրելիս, քիչ է մնում՝ ուտեմ քեզ։ Երեխաներ, սա ձեր մորաքրոջ որդի Թոմն է, բարևեցեք։
 +
 +
Բայց երեխաները կախեցին գլուխները, մատները դրեցին բերանները և թաքնեվեցին նրա ետևում։ Կինը շարունակեց․
 +
 +
― Լիզա՛, շտապի՛ր, տաք նախաճաշ բեր, շո՛ւտ։ Նավում նախաճաշե՞լ ես։
 +
 +
Ասացի, որ նախաճաշել եմ։ Նա ձեռքս բռնած ինձ տարավ տուն, երեխաները հետևեցին մեզ։ Տանը նա ինձ նստեցրեց մեջտեղը ճեղքված ծղոտե մի աթոռի, երկու ձեռքերս բռնած՝ ասաց․
 +
 +
― Հիմա կարող եմ կուշտ նայել քեզ։ Աստվա՜ծ իմ, քանի՜ տարի եմ երազել քեզ տեսնել, և վերջապես այդ օրը հասավ։ Երկու օր է, նույնիսկ ավելի, որ սպասում էինք քեզ։ Ինչո՞ւ ուշացար․ նավը ծանծաղո՞ւտն ընկավ, ի՞նչ է։
 +
 +
― Այո, տիկին, նավը․․․
 +
 +
― Մի ասա, «այո տիկին», ասա մորաքույր Սալլի․․․ Որտե՞ղ նավը ծանծաղուտն ընկավ։
 +
 +
Չգիտեի, թե ինչ ասեմ․ ի՞նչ իմանայի՝ նավը գետի հոսանքո՞վ պիտի բարձրանար, թե՞ ցած իջներ։ Բայց ես բնազդով հաճախ էի առաջնորդվում, և բնազդս հուշեց, որ նավը պետք է Նոր Օռլեանից գետն ի վեր եկած լինի։ Դա էլ ինձ շատ չօգնեց․ չգիտեի այդ ճանապարհի վրա եղած ծանծաղուտների անունները։ Զգում էի, որ պետք է մի ծանծաղուտ հնարեմ կամ ասեմ, թե մոռացել եմ այդ տեղի անունը, ուր նավը նստեց, կամ․․․ հանկարծ գլխումս մի միտք ծագեց, և ես շարունակեցի․
 +
 +
― Հարցը ծանծաղուտ ընկնելը չէ, դա մեզ շատ չուշացրեց։ Շոգենավի մի գլանի գլուխը պայթեց։
 +
 +
― Ողորմա՜ծ տեր, մարդ վնասվե՞ց։
 +
 +
― Բարեբախտություն է, որովհետև երբեմն մարդիկ էլ են վնասվում։ Երկու տարի առաջ ջրօրհնեքին, երբ հորեղբայր Սայլասը, Նոր Օռլեանից գալիս էր «Լալլի Ռուք» նավով, գլանի գլուխը պայթեց, և մի մարդ դարձավ հաշմանդամ։ Երևի հետագայում մեռավ։ Այդ մարդը բապտիստ էր։ Հորեղբայրդ՝ Սայլասը, ծանոթ էր Բատոն֊Ռուժում ապրող մի ընտանիքի, որը լավ էր ճանաչում այդ մարդու ազգականներին։ Այո, լավ եմ հիշում․ նա մեռավ։ Սկսվեց մարմնի մասերի անզգայացում, և ստիպված եղան անդամահատել։ Բայց դա չփրկեց նրան։ Այո, անզգայացում․․․ ամբողջ մարմինը կապտեց, և նա մեռավ փառավոր հարության հույսով։ Ասում են, սարսափելի էր նայելը։ Հորեղբայրդ ամեն օր գնում էր քաղաք՝ քեզ բերելու։ Այսօր էլ է գնացել, մոտ մեկ ժամ առաջ։ Հիմա ուր որ է կգա։ Պետք է որ ճանապարհին հանդիպեիք․․․ չհանդիպեցի՞ք։ Ծերունի է․․․
 +
 +
― Ոչ, ոչ ոքի չհանդիպեցի, մորաքույր Սալլի։ Նավն ափին մոտեցավ լուսաբացին։ Ճամպրուկս թողեցի նավամատույցում և գնացի քաղաք շրջելու։ Մի փոքր էլ դաշտերում զբոսնեցի, որ ժամանակ անցնի, և շատ կանուխ չգամ այստեղ։ Այնպես որ այլ ճանապարհով եկա այստեղ։
 +
 +
― Իսկ ո՞ւմ մոտ թողեցիր ճամպրուկը։
 +
 +
― Ոչ ոքի։
 +
 +
― Ինչպե՞ս թե, տղաս, կգողանան։
 +
 +
― Որտեղ թաքցրել եմ, այնտեղից չեն գողանա, ― ասացի ես։
 +
 +
― Ինչպե՞ս այդքան վաղ նավի վրա նախաճաշեցիր։
 +
 +
Բավական նուրբ հարց էր, բայց ես պատասխանեցի․
 +
 +
― Նավապետը տեսավ ինձ մի կողմ կանգնած և ասաց, որ լավ կլինի նախքան ափ դուրս գալը մի բան ուտեմ։ Ինձ տարավ նավաստիների սենյակը՝ սպաների նախաճաշին և ինձ տվեց այն ամենը, ինչ ուզում էի։
 +
 +
Ես այնքան էի հուզվել, որ չէի կարողանում կարգին լսել նրա ասածները։ Ամբողջ ժամանակ ուշքս ու միտքս երեխաների կողմն էր։ Ուզում էի նրանց մի կողմ տանել, որոշ գաղտնիքներ կորզել, իմանալ, թե ես ով եմ։ Բայց դա հնարավոր չեղավ։ Միսիս Ֆելփսը շարունակեց իր հարց ու պատասխանը։ Շուտով նույնիսկ դող անցավ մարմնովս, երբ նա ասաց․
 +
 +
― Ամբողջ ժամանակ այսպես խոսում ենք, բայց դու ոչինչ չասացիր քրոջս կամ մյուսների մասին։ Հիմա ես կլռեմ, իսկ դու պատմիր ձերոնց մասին։ Ամեն ինչ պատմիր, բոլորի մասին, ամեն ինչ ասա, ինչպե՞ս են ձերոնք, ի՞նչ են անում, ի՞նչ ասացին, որ ինձ ասես․ ամեն մի մանրամասնություն, որ կարող ես մտաբերել։
 +
 +
Տեսա, որ բռնվեցի, այն էլ ինչպե՜ս։ Մինչև այժմ նախախնամությունն իմ կողմն էր, բայց այժմ խոր թաղվեցի տիղմի մեջ։ Զգացի, որ այլևս միտք չուներ շարունակել․ պետք է ձեռքերս վեր բարձրացնեի։ Ինքս ինձ ասացի․ ահա նորից պետք է սիրտ անեմ և ասեմ ճշմարտությունը։ Բերանս բաց արի, որ խոսեմ, բայց նա հանկարծ բռնեց ինձ ու քշեց մահճակալի ետևը, ասելով․
 +
 +
― Ահա, գալիս է։ Ցածրացիր, գլուխդ չերևա․ ա՛յ, այդպես լավ է․ չես երևում։ Ձայն չհանես, թե եկել ես։ Նրա հետ խաղ եմ խաղալու։ Երեխաներ, ոչինչ չասեք։
 +
 +
Տեսա, որ դժվար կացության մեջ եմ ընկել։ Բայց անհանգստանալն անօգուտ էր, ոչինչ չէր մնում անելու, բացի լուռ սպասելուց և որոտ ու կայծակին պատրաստ լինելուց։
 +
 +
Ես հազիվ նշմարեցի ծեր ջենտլմենին, երբ նա ներս մտավ։ Այնուհետև մահճակալը թույլ չէր տալիս տեսնել նրան։ Միսիս Ֆելփսը ընդառաջ վազեց և հարցրեց․
 +
 +
― Եկա՞վ։
 +
 +
― Ոչ, ― պատասխանեց ամուսինը։
 +
 +
― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց միսիս Ֆելփսը, ― ի՞նչ կարող է պատահած լինել։
 +
 +
― Չեմ կարող պատկերացնել, ― ասաց ջենտլմենը, ― պետք է ասեմ, որ դա սարսափելի անհանգստացնում է ինձ։
 +
 +
― Անհանգստացնո՜ւմ, ― ասաց կինը, ― ես պատրաստ եմ խելագարվելու։ Պետք է որ նա եկած լինի, երևի ճանապարհին չես նկատել։ Հաստատ գիտեմ։ Սիրտս ասում է, որ այդպես պետք է լինի։
 +
 +
― Ի՞նչ ես ասում, Սալլի, ես ճանապարհին չէի կարող չհանդիպել նրան, դու հո գիտես։
 +
 +
― Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ի՞նչ կասի քույրս։ Պետք է տղան եկած լիներ։ Չես հանդիպել։ Նա․․․
 +
 +
― Սիրտս մի՛ կոտրիր։ Առանց այդ էլ սիրտս կոտրված է։ Չգիտեմ, ինչ ասեմ։ Ուղղակի շվարել եմ, խոստովանում եմ։ Ոչ մի հույս չունեմ, թե կգա․ չէր կարող պատահել, որ նա գար, և ես չհանդիպեի։ Սարսափելի է, Սալլի, սարսափելի․ անպայման նավին մի բան է պատահել։
 +
 +
― Օ՜յ, Սայլաս, նայի՛ր այն կողմ, ճանապարհին, ինչ֊որ մեկը գալիս է, չէ՞։ Ծերունին շարժվեց դեպի մահճակալի գլխավերևի պատուհանը, և դա հնարավորություն տվեց միսիս Ֆելփսին արագ կռանալ և ինձ դուրս քաշել։ Ես դուրս եկա։ Երբ միստր Ֆելփսը շուռ եկավ, կինը կանգնած շողշողում ու ծիծաղում էր։ Ես, շվարած ու քրտնքի մեջ կորած, կանգնել էի մի կողմ։ Ծեր ջենտլմենը, աչքերը հառած, հարցրեց․
 +
 +
― Ո՞վ է դա։
 +
 +
― Քո կարծիքով ո՞վ կարող է լինել։
 +
 +
― Չգիտեմ։ Ո՞վ է։
 +
 +
― Թոմ Սոյերն է։
 +
 +
Ազնիվ խոսք, քիչ էր մնում ամոթից գետինը մտնեի։ Բայց ժամանակ չեղավ հասկանալու, թե ի՛նչ պետք է անել։ Ծերունին բռնեց իմ ձեռքն ու երկար թոթվեց, և ամբողջ ժամանակ ինչպե՜ս էր պարում կինը, ծիծաղում ու լաց լինում։ Այնուհետև ինչպե՜ս էին նրանք հարցեր տեղում գլխիս Սիդի, Մերիի ու մյուս ազգականների մասին։
 +
 +
Եթե նրանք ցնծության մեջ էին, ապա նրանց ուրախությունն իմ ուրախության հետ համեմատ ոչինչ էր։ Կարծես նորից ծնվեցի։ Այնքա՜ն ուրախ էի, որ իմացա, թե ով եմ ես։ Նրանք ինձ երկու ժամ չարչարեցին։ Վերջապես, երբ իմ ծնոտն այնքան հոգնեց, որ հազիվ թե այլևս կարողանար շարժվել, ստիպված եղա այնքան բան պատմել մեր ընտանիքի, այսինքն՝ Թոմ Սոյերի ընտանիքի մասին, որ կբավականացներ վեց այդպիսի ընտանիքի։ Պատմեցի, թե ինչպես Սպիտակ գետի գետաբերանում մենք պայթեցրինք մի շոգեկաթսա, և կարգի բերելը մեզանից երեք օր խլեց։ Գործը շատ հարթ գնաց և շատ լավ տպավորություն թողեց, քանի որ նրանք այդ գործից ոչինչ չէին հասկանում, միայն գիտեին, որ կաթսան կարգի բերելու համար երեք օր է պահանջվում։ Եթե ասեի, թե սողնակի գլուխը պայթեց, նույնպես նպատակիս հասած կլինեի։
 +
 +
― Այժմ ես ինձ մի կողմից շատ հանգիստ էի զգում, մյուս կողմից՝ շատ անհանգիստ։ Հանգիստ ու դուրեկան էր լինել Թոմ Սոյեր, և այդպես հանգիստ ու դուրեկան մնաց, մինչև լսեցի գետով իջնող շոգենավի հևոցը։ Ինքս ինձ ասացի․ «Չլինի՞ հանկարծ Թոմ Սոյերը դրանով գա, և հանկարծ մտնի այս սենյակը, և իմ անունը տա, նախքան ես կկարողանամ աչքով անել ու հասկացնել, որ լուռ մնա։
 +
 +
Ինչ որ է, ես չէի կարող այդպիսի բան թույլ տալ․ դա բոլորովին ձեռնտու չէր, պետք է գնայի և ճանապարհին սպասեի նրան։ Ասացի, որ մտադիր եմ գնալ քաղաք և բերել ճամպրուկս։ Ծեր ջենտլմենն ուզում էր ինձ հետ գալ, բայց ես ասացի, որ կարիք չկա, ինքս կարող եմ ձին քշել և չեմ ուզում նեղություն տալ։
 +
 +
 +
==Գլուխ երեսուներեքերորդ==
 +
 +
 +
Կառքով ուղևորվեցի քաղաք։ Ճանապարհի կեսն անցել էի, երբ տեսա դիմացից եկող մի կառք։ Կասկած չկար, որ սա Թոմ Սոյերն էր։ Ես կանգ առա և սպասեցի, մինչև նա հասավ ինձ։ Ես ձայն տվի․ «Կանգնիր», և կառքը կանգ առավ իմ կողքին։ Թոմ Սոյերի բերանը բացվեց, ինչպես արկղի կափարիչը, և այլևս չփակվեց։ Նա երկու֊երեք անգամ կուլ տվեց թուքը, կարծես կոկորդը չորացած լիներ, և ապա ասաց․
 +
 +
― Ես երբեք քեզ վնաս չեմ տվել։ Դու այդ գիտես, էլ ինչո՞ւ ես այն աշխարհից վերադարձել։ Ինձանից ի՞նչ ես ուզում։
 +
 +
― Ես ետ չեմ եկել, ոչ էլ գնացած եմ եղել։
 +
 +
Ձայնս լսելով՝ նա փոքր֊ինչ սրտապնդվեց, բայց դեռ անհանգիստ էր։
 +
 +
― Գլխիս խաղ չխաղաս, չէ՞ որ ես էլ քո գլխին խաղ չեմ խաղացել։ Երդվիր հնդկացու ազնիվ խոսքով, որ դու ուրվական չես։
 +
 +
― Հնդկացու ազնիվ խոսք․ ուրվական չեմ։
 +
 +
― Լավ, ես․․․ լավ, պետք է, որ դրանով հարցը փակված համարենք, բայց մի տեսակ հավատս չի գալիս, ոչ մի կերպ։ Նայիր ինձ․ մի՞թե դու չես սպանվել։
 +
 +
― Ոչ։ Ես երբեք չեմ սպանվել։ Այդ խաղը ես եմ խաղացել նրանց գլխին։ Մոտ արի և շոշափիր ինձ, եթե չես հավատում։
 +
 +
Թոմը մոտեցավ, շոշափեց ինձ և դա հանգստացրեց նրան։ Այժմ նա այնպես էր ուրախացել նորից ինձ տեսնելու համար, որ չգիտեր, թե ինչ անի։ Ցանկանում էր ամեն ինչ անմիջապես իմանալ, որովհետև դա հոյակապ արկած էր, խորհրդավոր և դիպչում էր նրա սրտին։ Բայց ես ասացի, թե հետո առանձին կպատմեմ։ Նրա կառապանին պատվիրեցի սպասել, իսկ մենք իմ կառքով մի փոքր առանձնացանք։ Ես պատմեցի, թե ինչ վիճակի մեջ եմ ընկել։ Հարցրի, թե իր կարծիքով ի՞նչ անենք, որ լավ լինի։ Նա խնդրեց, որ իրեն մի րոպե հանգիստ թողնեմ և չխանգարեմ։ Երկար֊բարակ մտածեց և շուտով ասաց․
 +
 +
― Շատ լավ․ գտա միջոցը։ Իմ սնդուկը տար քո կառքով, իբր թե դա քոնն է։ Դանդաղ գնա, այն հաշվով, որ տուն հասնես որոշված ժամին։ Ես մի փոքր թրև կգամ քաղաքում և տուն կհասնեմ քեզանից քառորդ կամ կես ժամ հետո։ Սկզբում այնպես ցույց տուր, թե չես ճանաչում ինձ։
 +
 +
― Ես ասացի․
 +
 +
― Շատ լավ, բայց մի րոպե սպասիր։ Մի բան էլ կա, մի բան, որի մասին ինձանից բացի ոչ ոք չգիտե։ Բանն այն է, որ այստեղ մի նեգր կա, որին աշխատում եմ գողանալ և ազատել ստրկությունից։ Անունը Ջիմ է՝ պառավ Ուոթսոնի Ջիմը։
 +
 +
Նա ասաց․
 +
 +
― Ի՞նչ, չէ՞ որ Ջիմը․․․
 +
 +
Նա մտածմունքի մեջ ընկավ։ Ես ասացի․
 +
 +
― Գիտեմ, թե ինչ ես ասելու։ Ասելու ես, որ դա կեղտոտ, ստոր գործ է։ Բայց ի՞նչ անենք։ Ես ինքս եմ ստոր։ Մտադիր եմ գողանալ նրան և ուզում եմ, որ լուռ մնաս ու ոչ ոքի չասես։ Համաձա՞յն ես։
 +
 +
Նրա աչքերը պայծառացան․
 +
 +
― Ես այդ գործում կօգնեմ քեզ։
 +
 +
Այդ լսելիս ես թուլացա․ կարծես ինձ վրա կրակեցին։ Կյանքումս այդքան անսպասելի բան չէի տեսել։ Ճիշտն ասած, Թոմ Սոյերը շատ ընկավ իմ աչքից։ Միայն թե չէի կարող հավատալ նրա խոստումին․ Թոմ Սոյերը նեգր գողացո՜ղ։
 +
 +
― Էհ, ― ասացի ես․ ― կատակ եմ անում։
 +
 +
― Իսկի էլ չէ։
 +
 +
― Լավ, ուրեմն, ― ասացի ես, ― կատակ է թե կատակ չէ, ասեմ, որ եթե լսես որևէ փախած նեգրի մասին, չմոռանաս, որ դու էլ ինձ նման ոչինչ չգիտես։
 +
 +
Այնուհետև վերցրինք սնդուկը, դրինք իմ կառքը, ապա նա գնաց մի կողմ, ես՝ մի ուրիշ կողմ։ Բայց ես, իհարկե, այնքան էի ուրախացել և այնքան տարվել մտքերով, որ մոռացել էի, թե դանդաղ պիտի գնամ։ Տուն հասա շատ շուտ, եթե նկատի ունենանք երկար ճանապարհը։ Ծեր ջենտլմենը դռան առջևն էր և ասաց․
 +
 +
― Օ՜, զարմանալի է։ Ո՞վ կմտածեր, թե իմ մատակը կարող է այդքան արագ վազել։ Լ ավ կլիներ, որ իմանայինք ժամը քանիսին գնացիր։ Մի մազ էլ չի քրտնել, ոչ մի մազ։ Զարմանալի է։ Եթե վաճառեմ, հարյուր դոլարից պակաս չեմ պահանջի, ազնիվ խոսք։ Իսկ առաջ համաձայն էի տասնհինգի, կարծելով, թե ավելին չարժե։
 +
 +
Ուրիշ ոչինչ չասաց։ Ես ավելի անմեղ, ավելի լավ ծերունու կյանքումս չէի տեսել։ Բայց դա զարմանալի չէր, որովհետև նա ոչ միայն երկրագործ էր, այլև քարոզիչ։ Պլանտացիայի ետևում ուներ փոքրիկ մի եկեղեցի, որն ինքն էր կառուցել իր ծախսով և որը միաժամանակ նաև դպրոց էր։ Նա երբեք ոչինչ չէր պահանջում իր քարոզների համար և չարժեր պահանջել։ Հարավում նրա նման այլ երկրագործ քարոզիչներ շատ կային, որոնք նույն ձևով էին վարվում։
 +
 +
Մոտ կես ժամ հետո Թոմի կառքը կանգնեց ցանկապատի դիմաց։ Մորաքույր Սալլին դեռ հիսուն յարդ հեռավորության վրա տեսավ նրան պատուհանից և ասաց․
 +
 +
― Ահա, ինչ֊որ մեկը գալիս է։ Հետաքրքիր է՝ ո՞վ է։ Կարծում եմ, օտարական է, Ջիմմի (դա երեխաներից մեկն էր), գնա, ասա Լիզային մեկ ափսե էլ դնի ճաշի համար։
 +
 +
Բոլորը նետվեցին դեպի դիմացի դուռը, որովհետև, իհարկե, ամեն տարի օտարական չի գալիս, հետևաբար այսպիսի այցելությունները ավելի շատ են հետաքրքրություն առաջացնում, քան դեղին տենդը։ Թոմը բարձրացել էր պատնեշը և իջնում էր ցած։ Կառքն արդեն ճանապարհով ետ էր գնում դեպի քաղաք։ Մենք բոլորս հավաքվել էինք դռան առջև։ Թոմը հագել էր նոր շորեր և ուներ մեզ նման հանդիսականներ։ Իսկ դա նրա համար ամեն ինչ էր։ Նման պարագաներում նրա համար դժվար չէր համապատասխան ոճ գտնել։ Նա այն տղաներից չէր, որ այդ բակով հեզահամբույր շարժվեր ինչպես ոչխարը։ Քայլում էր խոյի պես հանգիստ ու ինգնագոհ։ Երբ մոտեցավ մեզ, այնքա՜ն շնորհալի ու քնքշորեն հանեց գլխարկը, կարծես թե դա մի տուփի կափարիչ լիներ, որի մեջ ննջում էին թիթեռնիկներ, և նա չի ուզում խռովել նրանց հանգիստը։ Նա ասաց․
 +
 +
― Նա ասաց, եթե չեմ սխալվում, միստր Արչիբալդ Նիկոլս։
 +
 +
― Ոչ, տղաս, ― ասաց ծեր ջենտլմենը, ― ցավում եմ, ցավում եմ, որ ձեր կառապանը խաբել է ձեզ։ Նիկոլսի ագարակը մոտ երեսուն մղոն ներքև է։ Ներս եկեք, ներս եկեք։
 +
 +
Թոմն ուսի վրայից ետ նայեց ու ասաց․
 +
 +
― Արդեն ուշ է, նա այլևս չի երևում։
 +
 +
― Այո, որդիս, նա գնաց, իսկ դուք ներս եկեք և մեզ հետ ճաշեք։ Հետո մենք կառքը կլծենք ու ձեզ կտանենք Նիկոլսի ագարակը։
 +
 +
― Օ՜, ես չեմ կարող ձեզ այդքան նեղություն պատճառել։ Ինչպե՞ս կարելի է։ Ոտքով կգնամ։ Երեք մղոնն ինձ համար ի՞նչ է որ․․․
 +
 +
― Բայց մենք թույլ չենք տա, որ ոտքով գնաս․ դա չի համապատասխանում հարավի հյուրընկալությանը։ Դե՛հ, համեցեք ներս։
 +
 +
― Օ՜, համեցեք, ― ասաց մորաքույր Սալլին, ― դա մեզ համարյա բոլորովին էլ նեղություն չէ։ Ի՞նչ նեղություն։ Անպայման մնացեք։ Դա փոշոտ, երկար ճանապարհ է, երեք մղոն, և մենք չենք կարող թույլ տալ, որ ոտքով գնաք։ Բացի այդ, երբ ես տեսա ձեզ, արդեն ասացի, որ սեղանի վրա մի աման էլ դնեն։ Ուրեմն, չպետք է մեզ հուսախաբ անեք։ Դե՛, անմիջապես ներս եկեք և ձեզ զգացեք ինչպես ձեր տանը։
 +
 +
Թոմը, թույլ տալով, որ համոզեն իրեն, սրտանց և կիրթ ձևով շնորհակալություն հայտնեց ու ներս մտավ։ Երբ ներսում էր, ասաց, որ ինքը Օհայո նահանգի Հիքսվիլից է, և իր անունը Վիլյամ Թոմսոն է։ Եվ նորից գլուխ տվեց։
 +
 +
Նա խոսեց, խոսեց, հազար ու մի բան պատմեց Հեքսվիլի և այնտեղ ապրող բոլոր մարդկանց մասին։ Ինչե՜ր էր հնարում։ Դա ինձ մասամբ ջղայնացնում էր․ մտածում էի, թե նրա պատմությունը ինչո՛վ էր ինձ օգնելու, որ դուրս գամ այդ վիճակից։ Վերջապես, նա վեր կացավ, առանց իր փչոցը դադարեցնելու, ուղղակի համբուրեց մորաքույր Սալլիի շրթունքները, ապա նորից հանգիստ նստեց իր աթոռին ու շարունակեց խոսել։ Մորաքույր Սալլին վեր թռավ, ձեռքով սրբեց շրթունքներն ու ասաց․
 +
 +
― Հանդո՛ւգն լակոտ։
 +
 +
Թոմ Սոյերը կարծես իրեն վիրավորված զգաց։
 +
 +
― Զարմանում եմ ձեզ վրա, տիկին։
 +
 +
― Զարմանո՞ւմ։ Ինչո՞ւ, քո կարծիքով ի՞նչ եմ ես։ Հիմա կվերցնեմ, և․․․ Ասա՛, ի՞նչ փչեց խելքիդ, ինչո՞ւ ինձ համբուրեցիր։
 +
 +
Թոմ Սոյերը ասես ընկճվելով ասաց․
 +
 +
― Հենց այնպես, տիկին։ Խելքիս ոչ մի բան էլ չփչեց։ Ես․․․ ես․․․ կարծում էի, թե դա ձեզ դուր կգա։
 +
 +
― Ինչպե՞ս թե, հիմարի գլուխ, ― և նա վերցրեց իլիկը և այնպիսի տեսք ընդունեց, կարծես թե հազիվ կարողանար զսպել իրեն, որ Թոմի գլխին չհասցնի, ― ի՞նչն ստիպեց քեզ մտածել, որ դա ինձ դուր կգա։
 +
 +
― Չգիտեմ։ Միայն թե․․․ Ինձ ասացին, թե կուզենաք․․․
 +
 +
― Ասացին, թե ես ուզում եմ․․․ ով որ քեզ այդպիսի բան է ասել, մի խելագար էլ նա է։ Ես երբեք չեմ լսել նման բան։ Այդ ո՞վ ասաց․․․
 +
 +
― Բոլորն էլ ասում էին, տիկին։
 +
 +
Տիկինը հազիվ էր իրեն զսպում։ Նրա աչքերը փայլատակում էին, մատներն այնպես էին շարժվում, կարծես ուզում էր ծվատել տղային։ Նա ասաց․
 +
 +
― Ցավում եմ։ Ես այսպիսի բան չէի սպասում։ Ինձ ասացին, որ պետք է համբուրել, բոլորն ասացին․ ասացին՝ համբուրիր․ դա նրան դուր կգա։ Բոլորն ասացին․․․ ամեն մարդ։ Ցավում եմ, տիկին, այլևս չեմ անի, ազնիվ խոսք, չեմ անի։
 +
 +
― Էլ չես անի, չէ՞։ Լավ, ընդունենք, որ էլ չես անի։
 +
 +
― Չեմ անի, տիկին։ Ազնիվ խոսք։ Այլևս չեմ համբուրի, մինչև դուք չխնդրեք։
 +
 +
― Մինչև ես չխնդրե՜մ։ Ես կյանքումս այսպիսի բան չէի տեսել։ Ասածդ երբեք չի լինի, թեկուզ դու ապուշ Մաթուասիլի<ref>Ըստ Աստվածաշնչի՝ երկարակյաց ծերունի։</ref> նման երկար ապրես։
 +
 +
― Լավ, ― ասաց Թոմ Սոյերը, ― զարմանալի է։ Ոչինչ չեմ հասկանում։ Ասում էին, թե ուզում եք, և ես էլ կարծեցի, թե ուզում եք, բայց․․․ ― նա լռեց ու կամաց նայեց շուրջը․ կարծես թե ուզում էր բարեկամական հայացքի հանդիպել, և կանգ առավ ծեր ջենտլմենի վրա․
 +
 +
― Դուք չէի՞ք կարծում, թե նա ուզում էր, որ ես իրեն համբուրեի, սըր։
 +
 +
― Ո՛չ։ Ես․․․ ես․․․ Լավ, ո՛չ, ես այդպիսի բան չեմ մտածել։
 +
 +
Ապա նա նորից նայեց շուրջը և, ինձ գտնելով, ասաց․
 +
 +
― Թո՛մ, դու չէի՞ր մտածում, թե մորաքույր Սալլին կպարզի թևերը և կասի․ «Սի՛դ Սոյեր»։
 +
 +
― Աստվա՜ծ իմ, ― գոչեց տիկինը և նրան ընդհատելով վրա պրծավ, ― ա՛խ, դու, անամո՛թ, փոքրի՛կ սրիկա, այդպե՞ս ես ինձ մոլորեցնում։ Նա ուզեց գրկել տղային, բայց Թոմը հեռու պահեց նրան ու ասաց․
 +
 +
― Ոչ։ Չեմ թույլ տա, մինչև չխնդրեք։
 +
 +
Մորաքույր Սալլին ժամանակ չկորցրեց, խնդրեց, գրկեց և համբույրներ տեղաց։ Ապա մնացածը հանձնեց ծեր ջենտլմենին։ Կարճ դադարից հետո մորաքույր Սալլին ասաց․
 +
 +
― Աստվա՜ծ իմ, ա՛յ քեզ իսկական անակնկալ։ Մենք քեզ բոլորովին չէինք սպասում, կարծում էինք՝ միայն Թոմը կլինի։ Քույրս երբեք չի գրել, թե մեկ ուրիշն էլ կգա։
 +
 +
― Պատճառն այն է, որ Թոմից բացի ոչ ոք մտադիր չէր գալ, ― ասաց նա, ― բայց ես այնքան խնդրեցի, որ վերջին րոպեին նա ինձ էլ թույլ տվեց։ Գետով իջնելիս ես և Թոմը մտածում էինք, թե չափազանց անսպասելի բան կլինի, եթե նախ ինքը գա տուն, իսկ ես հետևեմ իրեն ու առանձին ներս մտնեմ որպես օտարական։ Բայց դա սխալ էր, մորաքույր Սալլի։ Սա հարմար տեղ չէ օտարականի համար։
 +
 +
― Ո՛չ, չարաճճի լակոտների տեղ չէ, Սիդ։ Դեռ պետք է մի ապտակ էլ տված լինեի։ Չգիտեմ, թե որքան ժամանակ ես այդպես չէի հուզվել։ Ինչ որ է, հաշվի չեմ առնում․ ուրախությամբ կտանեի հազար այդպիսի կատակ, միայն թե ձեզ տեսնեի։ Պատկերացրու այդ արարքը։ Չեմ թաքցնում, ապուշ կտրեցի, երբ ինձ համբուրեցիր։
 +
 +
Մենք ճաշեցինք տան և խոհանոցի միջև ընկած բաց, լայն միջանցքում։ Սեղանի վրա այնքան բան կար, որ կբավականացներ յոթ ընտանիքի։ Ամեն ինչ տաք էր և ոչ նման այն կոշտ մսին, որ ամբողջ գիշերը պահում են խոնավ մառանում և որից առավոտյան դիակի հոտ է փչում։ Նման միս կուտի միայն ծերացած մարդակերը։
 +
 +
Հորեղբայր Սայլասը երկար օրհնեց սեղանը, որն արժանի էր դրան, բայց և այնպես կերակուրը չսառեց։ Մինչդեռ հաճախ նկատել եմ, որ աղոթքի ընթացքում ճաշը սառչում է։
 +
 +
― Կեսօրից հետո բավական շատ խոսեցինք, և ամբողջ ժամանակ ես ու Թոմն զգուշորեն հետևում էինք նրանց խոսակցությանը, թեև իզուր։ Նրանք ոչինչ չասացին փախած նեգրի մասին, իսկ մենք վախենում էինք այդ մասին նույնիսկ նվազագույն ակնարկ անելուց։ Բայց երեկոյան ընթրիքի ժամանակ փոքրիկ տղաներից մեկն ասաց․
 +
 +
― Հայրիկ, կարո՞ղ եմ ես Թոմի ու Սիդի հետ ներկայացման գնալ։
 +
 +
― Ոչ, ― ասաց ծերունին, ― կարծում եմ՝ ներկայացումը տեղի չի ունենա, իսկ եթե լինի էլ, չարժե գնալ․ փախած նեգրը Բարթոնին և ինձ ամեն ինչ պատմեց այդ խայտառակ ներկայացման մասին։ Բարթոնն ասաց, որ ինքն այդ մասին կհայտնի ժողովրդին։ Կարծում եմ, որ այդ հանդուգն խաբեբաներին արդեն քշած կլինեն քաղաքից։
 +
 +
Ահա թե ինչպիսին էր դրությունը։ Բայց ես ոչինչ անել չէի կարող։ Թոմը և ես քնելու էինք նույն սենյակում, նույն մահճակալի վրա։ Հոգնած էինք։ Բարի գիշեր մաղթեցինք և ընթրիքից անմիջապես հետո գնացինք քնելու։
 +
 +
Բարձրացանք պատուհանը, շանթարգելով իջանք փողոց և գնացինք քաղաք, որովհետև հազիվ թե որևէ մեկը թագավորին և դքսին նախազգուշացրած լիներ։ Եթե ես չշտապեի և չզգուշացնեի, նրանց բանը բուրդ կլիներ։
 +
 +
Ճանապարհին Թոմն ինձ պատմեց, թե ինչպես մարդիկ հավատացած են եղել, որ ես սպանված եմ, և ինչպես հայրս այնուհետև անհետացել է ու այլևս չի վերադարձել։ Պատմեց, թե ինչպիսի հուզմունք է առաջացրել Ջիմի փախուստը։ Ես էլ, որքան ժամանակը թույլ կտար, Թոմին պատմեցի ամեն ինչ մեր «Արքայական ընձուղտի» խաբեբաների և լաստով կատարած մեր ճանապարհորդության մասին։ Երբ մտանք քաղաք և հասանք կենտրոնական մասը, արդեն բավական ուշ էր, մոտավորապես ութն անց կես էր։ Հանկարծ ի՜նչ տեսնենք․ գազազած ամբոխը, ձեռքերին ջահեր բռնած, սարսափելի կռնչոցով ու ոռնոցով, թիթեղե տապակներ ծեծելով ու փողեր փչելով, շարժվում է փողոցով։ Մենք մի կողմ ցատկեցինք, որպեսզի նրանք անցնեն։ Մինչ անցնում էին, ես տեսա, թե ինչպես թագավորին ու դքսին նստեցրել են ձողի վրա (կարծում էի, որ դրանք թագավորն ու դուքսը պիտի լինեին, թեև նրանք ամբողջովին պատած էին սև ձյութով ու փետուրներով և բոլորովին նման չէին մարդկային էակների)։ Նրանք նման էին հսկայական փետրափնջերի։ Ես զզվանք զգացի։ Կարեկցում էի այդ խեղճ, ողորմելի սրիկաներին։ Այլևս չէի կարող նրանց դեմ ոխ պահել։ Սարսափելի էր տեսնել, որ մարդկային արարածը կարող է այդ աստիճանի դաժան լինել իր նմանի նկատմամբ։
 +
 +
Տեսանք, որ բանը բանից անցել է և այլևս չենք կարող օգնել։ Հարցրինք մի քանի պարապ թափառողների, թե ինչ է կատարվում։ Նրանք ասացին, որ մարդիկ իբր, ոչինչ չիմանալով, գնացել են ներկայացման՝ լուռ նստած սպասել են մինչև խեղճ թագավորը բեմի վրա կուշտ ցատկոտել է։ Հետո մեկն ազդանշան է տվել, և հանդիսականները վրա են պրծել։
 +
 +
Մենք ձեռնունայն վերադարձանք տուն։ Սրտիս վրա ինչ֊որ բան էր ծանրացել։ Ինձ մի տեսակ մեղավոր էի զգում, թեև ոչ մի վատ բան չէի արել։ Միշտ էլ այդպես է․ կարևոր չէ՝ իրավացի՞ եք, թե ոչ։ Ձեր մարդկային խիղճը դա հաշվի չի առնում և հալածում է ձեզ։ Եթե ես մի շուն ունենայի, որը մարդկային խղճի չափ աներես լիներ, կթունավորեի։ Խիղճը մարդու ներսում ավելի մեծ տեղ է գրավում, քան որևէ այլ բան, բայց ի՞նչ օգուտ։ Նույն բանն է ասում և Թոմ Սոյերը։
 +
 +
 +
==Գլուխ երեսունչորսերորդ==
 +
 +
 +
Մենք դադարեցինք խոսելուց ու սկսեցինք մտածել։ Շուտով Թոմն ասաց․
 +
 +
― Լսիր, Հեք, որքա՜ն հիմար ենք, որ այդ մասին նախապես չենք մտածել։ Գրազ կգամ, որ ես գիտեմ, թե որտեղ է Ջիմը։
 +
 +
― Որտե՞ղ է։
 +
 +
― Այն հյուղակում, մոխրի արկղի մոտ։ Երբ մենք ճաշի էինք նստած, դու չտեսա՞ր, որ մի նեգր գնաց այնտեղ և ուտելիք տարավ։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ւ՞նչ ես կարծում, ինչի՞ համար էր այդ ուտելիքը։
 +
 +
― Շան համար։
 +
 +
― Ես էլ այդպես էի կարծում։ Բայց դա շան համար չէր։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Որովհետև ձմերուկ էլ կար։
 +
 +
― Ճիշտ է․ ես էլ նկատեցի։ Զարմանալի է․ գլխի չընկա, որ շունը ձմերուկ չի ուտի։ Դա ցույց է տալիս, որ երբեմն մարդ կարող է նայել, բայց չտեսնել։
 +
 +
― Նեգրը ներս մտնելիս կողպեքը բացեց, իսկ դուրս գալիս նորից փակեց։ Երբ մենք սեղանի մոտից վեր կացանք, նա հորեղբորը մի բանալի հանձնեց, նույն բանալին, գրազ կգամ։ Ձմերուկը ցույց է տալիս, որ այնտեղ մարդ կա, կողպեքն էլ ցույց է տալիս, որ նա բանտարկյալ է։ Հավանական չէ, որ երկու բանտարկյալ լինեն այսպիսի փոքրիկ մի պլանտացիայում, որտեղ մարդիկ այնքա՜ն բարի ու լավն են։ Բանտարկյալը Ջիմն է։ Ինչ որ է, ես շատ ուրախ եմ, որ մենք դա իմացանք նման եղանակով։ Ուրիշ ոչ մի միջոց չէր օգնի։ Այժմ դու ուղեղդ լարիր և Ջիմին գողանալու մի հնար գտիր, մի հնար էլ ես կգտնեմ։ Կընդունենք այն, որը ավելի հարմար է։
 +
 +
Ւնչպիսի՜ գլուխ այդքան փոքր մի տղայի ուսերի վրա։ Եթե Թոմ Սոյերի գլուխն իմը լիներ, ես այն չէի փոխի ո՛չ դքսի աստիճանի, ո՛չ էլ շոգենավի նավապետի օգնականի, ո՛չ կրկեսի ծաղրածուի, ո՛չ էլ իմ իմացած որևէ այլ պաշտոնի հետ։ Ես սկսեցի մտածել, բայց հենց այնպես, պարապ չմնալու համար։ Շատ լավ գիտեի, թե որտեղից է գալու հարցի ճիշտ լուծումը։ Շուտով Թոմն ասաց․
 +
 +
― Պատրա՞ստ ես։
 +
 +
― Սյո, ― պատասխանեցի ես։
 +
 +
― Շատ լավ, ասա տեսնեմ։
 +
 +
― Իմ ծրագիրն այս է, ― ասացի ես, ― մենք կարող ենք հեշտությամբ իմանալ, թե բանտարկյալը Ջի՞մն է։ Այնուհետև վաղը գիշերով կնստենք մակույկս և կգնանք, լաստը դուրս կբերենք այս կողմը։ Ապա առաջին մութ գիշերին բանալին կգողանանք ծերունու շալվարի գրպանից, երբ նա քնած լինի, և Ջիմի հետ լաստով կիջնենք գետն ի վար։ Ցերեկը կթաքնվենք, գիշերը կշարունակենք ճանապարհը, ինչպես ես ու Ջիմն էինք անում։ Այդ ծրագիրը հարմա՞ր է։
 +
 +
― Հարմա՞ր։ Ինչո՞ւ չէ, հարմար է, ոնց որ առնետների կռիվը։ Բայց դա շատ հասարակ միջոց է, մեջը ոչինչ չկա։ Ի՞նչ արժե այն ծրագիրը, որը ոչ մի նեղություն չի պահանջում։ Ծծկեր երեխան էլ դա կկատարի։ Դա ավելի շատ աղմուկ չի առաջացնի, քան օճառի գործարան կողոպտելը։
 +
 +
Ես ոչինչ չասացի, որովհետև ուրիշ բան չէի սպասում։ Բայց շատ լավ գիտեի, որ նրա կազմած ծրագրի դեմ առարկել ավելորդ է։
 +
 +
Եվ, իսկապես, առարկելու բան չկար։ Նա բացատրեց իր ծրագիրը։ Վայրկենապես հասկացա, որ դա իմ կազմածից տասնհինգ անգամ լավ էր իր նորաձևությամբ և Ջիմին կազատեր, ինչպես իմ ծրագիրը, բայց այստեղ գուցե բոլորիս էլ սպանեին։ Ես գոհ էի և ասացի, որ պետք է գործի անցնեք։ Կարիք չկա այստեղ ասելու, թե ինչ էր նրա ծրագիրը։ Գիտեի, որ դա չէր մնալու այնպես, ինչպես կար։ Գիտեի, որ Թոմը դա անընդհատ կփոխեր, երբ գործի անցնեինք, և ամեն հարմար առիթով կընդարձակեր նոր խիզախություններով։ Այդպես էլ արեց։
 +
 +
Ինչ որ է, մի բան պարզ էր․ Թոմ Սոյերը լրջորեն էր կպել գործին և, իրոք, ուզում էր օգնել, որ գողանանք այդ նեգրին և ազատենք ստկությունից։
 +
 +
Դա ինձ համար անհասկանալի էր։ Ահա մի տղա, պատվավոր ընտանիքում մեծացած, որը վտանգի տակ էր դնում իր և իր հարազատների բարի անունը։ Ընդունակ էր, բանիմաց, տգետ չէր․ վատ թե լավ՝ սովորում էր, բարի էր, ուրեմն՝ հո դիտմամբ չէ՞ր անում։ Բայց ահա, խնդրեմ, մոռացության է տվել թե՛ հպարտություն, թե՛ ինքնասիրություն, մութ գործերի է խառնվում, նվաստանում և Ամերիկայով մեկ խայտառակում իրեն ու իր ընտանիքը։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ նրա վարմունքը։ Դա նախատելի գործ էր, և ես զգում էի, որ պարտավոր էի ուղղել այդ սխալը, զգուշացնել։ Թե չէ էլ ի՞նչ հավատարիմ բարեկամ։ Թող անմիջապես հրաժարվեր այդ մտքից, քանի դեռ ուշ չէր և փրկեր իրեն։ Եվ ես այդ մասին խոսք բացեցի, բայց նա ինձ ընդհատեց ասելով․
 +
 +
― Կարծում ես, չե՞մ հասկանում, թե ինչ եմ անում։ Մի՞թե ընդհանրապես չեմ գիտակցում արածս։
 +
 +
― Գիտակցում ես։
 +
 +
― Չասացի՞, թե կօգնեմ, որ գողանաս նեգրին։
 +
 +
― Ասացիր։
 +
 +
― Ուրեմն՝ լավ։
 +
 +
Ուրիշ ոչինչ։ Ես էլ ոչինչ չասացի։ Իմաստ չուներ․ երբ նա ասում էր, որ մի բան է անելու, անպայման անում էր։ Բայց ես չէի կարող հասկանալ, թե ինչպես էր համաձայնում խառնվել նման մի գործի։ Այլևս նրան չնեղացրի այդ առթիվ։ Եթե ինքն էր ուզում այդպես վարվել, ես ոչինչ չէի կարող անել։
 +
 +
Երբ հասանք տուն, ոչ մի լույս չէր երևում և ամեն ինչ խաղաղ էր։ Գնացինք դեպի մոխրակույտը՝ հյուղակը հետախուզելու։ Գնացինք բակով, որպեսզի տեսնենք, թե ի՛նչ կանեն շները։ Նրանք արդեն ճանաչում էին մեզ և ավելի մեծ աղմուկ չբարձրացրին, քան սովորաբար բարձրացնում են գյուղական շները, երբ գիշերը մոտերքով մարդ է անցնում։ Երբ հասանք հյուղակը, զննեցինք դիմացից և երկու կողմից։ Հյուսիսային կողմում, որը ես չէի տեսել, գտանք քառակուսի պատուհան՝ բավական բարձր, հաստ տախտակով մեխված։ Ես ասացի․
 +
 +
― Ահա ելքի ճանապարհը։ Այս անցքը այնքան մեծ է, որ Ջիմը կարող է դրանից դուրս գալ, եթե տախտակը հեռացնենք։
 +
 +
Թոմն ասաց․
 +
 +
― Դա նույնքան հեշտ միջոց է, որքան մանկական խաղը, դպրոցից փախչելը։ Հուսով եմ, որ մենք կգտնենք դրանից ավելի բարդ միջոց, Հեք Ֆինն։
 +
 +
Լավ, ― ասացի ես, ― իսկ եթե պատի մի անկյունը սղոցելով դուրս գա, ինչպես ես արեցի, երբ սպանված հայտարարվեցի․․․
 +
 +
― Դա որոշ չափով բանի նման է, ― ասաց նա, ― իսկապես խորհրդավոր է, տանջալի ու լավ, ― ասաց նա, ― բայց կարող ենք մի միջոց գտնել, որը կրկնակի երկարատև լինի։ Շտապելու կարիք չկա, դեռ նայենք մեր շուրջը։
 +
 +
Հյուղակի և ցանկապատի միջև, դրանց հետևում, կար հաստ տախտակներից պատրաստած մի շինություն, որի քիվերը հասնում էին հյուղակին։ Դա նույնքան երկար էր, որքան հյուղակը, բայց նեղ էր, ընդամենը վեց ոտնաչափ լայնություն ուներ։ Թոմը մոտեցավ օճառ եփելու կաթսային, նայեց շուրջը և գտավ երկաթի մի կտոր, որով բարձրացնում էին կաթսայի կափարիչը։ Նա այդ երկաթն օգտագործեց որպես լծակ և տեղահան արեց դռան սողնակալներից մեկը։ Շղթան ցած ընկավ, դուռը բացեցինք ներս մտանք, փակեցինք և լուցկի վառեցինք։ Շուտով նկատեցինք, որ այդ մարագը միանում է հյուղակին, բայց սրա հետ կապ չունի, հատակը հող է, և ոչինչ չկա այնտեղ, բացի գործածությունից ընկած, ժանգոտած քլունգներից ու բահերից և ծռմռված գութաններից։ Լուցկին հանգավ, և մենք էլ դուրս եկանք, նորից կարգի բերեցինք դուռը այնպես, որ թվում էր, թե առաջվա պես ամուր փակված է։ Թոմի տրամադրությունը բարձր էր։ Նա ասաց․
 +
 +
― Հիմա ամեն ինչ լավ է։ Մենք փորելով դուրս կբերենք նրան։ Դա կտևի մոտավորապես մեկ շաբաթ։
 +
 +
Այնուհետև եկանք տուն։ Ես ներս մտա ետևի դռնով (այստեղ դռները չեն կողպում․ բավական է միայն քաշել այծի կաշվից պատրաստած նիգաթելը)։ Բայց այդ ձևով ներս մտնելը Թոմ Սոյերի համար բավականաչափ խորհրդավոր չէր։ Ոչ մի միջոց չէր բավարարի նրան, բացի շանթարգելով վեր մագլցելուց։ Երեք անգամ բարձրացավ մինչև կեսը և սահեց ցած։ Վերջին անգամ քիչ մնաց գանգը ցրիվ տար։ Ուզեց ձեռ քաշել, բայց մի քիչ հանգստանալուց հետո նորից բախտը փորձեց և այս անգամ բարձրացավ։
 +
 +
Լուսաբացին մենք վեր կացանք ու իջանք նեգրերի տնակները։ Ուզում էինք, որ շները մեզ ընտելանան, և բարեկամանանք Ջիմին ուտելիք տանող նեգրի հետ (եթե իսկապես կերակրվողը Ջիմն էր)։ Նեգրերն արդեն վերջացրել էին նախաճաշը և պատրաստվում էին գնալ դաշտ։ Ջիմի նեգրը թիթեղյա մի տապակի մեջ դարսում էր հաց, միս և այլ ուտելիքներ։ Մինչ մյուսները գնում էին գործի, բանալին տնից բերեցին։
 +
 +
Այս նեգրը բարհամբույր, հիմարավուն դեմքով մարդ էր։ Մազերի փոքրիկ փնջերը կապված էին թելով։ Դրա նպատակն էր՝ կախարդներին հեռու պահել։ Նա ասում էր, որ կախարդները վերջին գիշերները սարսափելի նեղում են իրեն, ստիպում տեսնել ամեն տեսակի տարօրինակ բաներ, լսել ամեն տեսակի տարօրինակ խոսքեր և աղմուկ։ Պնդում էր, որ ինքը դեռևս այդքան երկարատև կախարդանք չի տեսել։ Նա այնպես տարվեց այդ մասին խոսելով ու իր ձախորդություններից պատմելով, որ բոլորովին մոռացավ, թե ինչի համար էր եկել։ Թոմն ասաց․
 +
 +
― Ինչի՞ համար են այդ ուտելիքները։ Շների՞ն ես տանում։
 +
 +
Նեգրը ժպտաց, և այդ ժպիտը տարածվեց ամբողջ դեմքի վրա։ Կարծես ջրի մեջ աղյուսի կտոր գցեցինք։
 +
 +
― Այո, միստր Սիդ, մի շան համար է, հետաքրքիր մի շան համար։ Ուզո՞ւմ եք ներս գալ, տեսնել նրան։
 +
 +
― Այո։
 +
 +
Ես կսմթեցի Թոմին ու շշնջացի․
 +
 +
― Օրը ցերեկով մտնում ես այնտեղ։ Չէ՞ որ ծրագրում այդ չկար։
 +
 +
― Ոչ, ծրագրում չկար, բայց հիմա ծրագիրն այդ է։
 +
 +
Էհ, ինչ արած, գնացինք, բայց դա ինձ շատ դուր չեկավ։ Ներս մտանք։ Այնպես մութ էր, որ համարյա ոչինչ չէր երևում։ Բայց Ջիմը, իհարկե, այնտեղ էր և կարող էր մեզ տեսնել։ Եվ նա գոչեց․
 +
 +
― Հե՜քը, բարի՜ աստված։ Սա էլ միստր Թոմն է։
 +
 +
Ես գիտեի, թե ինչ է լինելու։ Հենց այդ էլ սպասում էի։ Անելիքս մոռացա և եթե չմոռանայի էլ, ոչինչ չէի կարող անել, քանի որ այդ նեգրը մեջ ընկավ․
 +
 +
― Աստվա՜ծ իմ, մի՞թե նա ձեզ ճանաչում է։
 +
 +
Ուշադիր նայեցինք և ամեն ինչ պարզ տեսանք։ Թոմն աչքերը հառեց նեգրին և իբր զարմացած հարցրեց․
 +
 +
― Ո՞վ է մեզ ճանաչում։
 +
 +
― Ա՛յ, այս փախած նեգրը։
 +
 +
― Չեմ կարծում, թե նա մեզ ճանաչում է։ Այդ ի՞նչ փչեց խելքիդ։
 +
 +
― Ինչ փչե՞ց։ Հենց այս րոպեին գոչեց, թե ձեզ ճանաչում է։
 +
 +
Թոմը իբր թե ապշեց․
 +
 +
― Շատ հետաքրքիր է։ Ո՞վ գոչեց, ― ապա բոլորովին հանգիստ դիմեց ինձ, ― դու լսեցի՞ր, մեկնումեկը բան ասա՞ց։
 +
 +
Ես, իհարկե, միայն մի պատասխան պետք է տայի․
 +
 +
― Ոչ, ես ոչինչ չեմ լսել։
 +
 +
Ապա նա դարձավ Ջիմին, նայեց վերից վար, կարծես առաջին անգամ էր տեսնում․
 +
 +
― Դու մեզ ձայն տվեցի՞ր։
 +
 +
― Ոչ, սըր, ― պատասխանեց Ջիմը, ― ես ոչինչ չեմ ասել, սըր։
 +
 +
― Ոչ մի բա՞ռ։
 +
 +
― Ոչ, սըր, ոչ մի բառ չեմ ասել։
 +
 +
― Դու առաջ երբևէ մեզ տեսե՞լ ես։
 +
 +
― Ոչ, սըր, որքան գիտեմ, չեմ տեսել։
 +
 +
Թոմը շրջվեց մեզ հետ եկած ներգի կողմը։ Սա շվարեց, չռեց աչքերը։
 +
 +
― Ի՞նչ պատահեց քեզ։ Ի՞նչն ստիպեց քեզ մտածել, որ մեկը մեզ ձայն տվեց։
 +
 +
― Ա՜խ, նորից այդ անիծված կախարդները, սըր։ Մեռնեի, պրծնեի։ Շարունակ, դրանք, սըր․․․ Ինձ կսպանեն։ Այնպես են վախեցնում, որ քիչ է մնում մեռնեմ։ Խնդրում եմ, սըր, ոչինչ չասեք, թե չէ ծերունի միստր Սայլասը ինձ շատ կհանդիմանի։ Նա ասում է, թե դրանք կախարդներ չեն։ Աստված տար՝ նա հիմա այստեղ լիներ։ Այն ժամանակ կտեսնեիք, թե ինչ կասեր։ Այս անգամ ոչ մի կերպ չէի ժխտի։ Միշտ այդպես է․ չոր֊գլուխ մարդիկ չոր֊գլուխ էլ կմնան։ Դրանք ոչ մի բանի մեջ չեն խորանում, որ իմանան ճշմարտությունը, իսկ երբ դուք տեսնեք ու ասեք, չեն հավատա։
 +
 +
Թոմը նրան տասը ցենտ տվեց և հավատացրեց, որ մենք ոչ ոքի ոչինչ չենք ասի։ Պատվիրեց, որ էլի թել գնի ու մազերը կապի։ Ապա նայեց Ջիմին․
 +
 +
― Արդյոք քեռի Սայլասը չի՞ կախի այս նեգրին։ Եթե ես բռնեի փախուստի դիմած ապերախտ մի ներգի, չէի ների, կկախեի։
 +
 +
Մինչ մեզ ուղեկցող նեգրը դուրս եկավ՝ դռան առջև տասը ցենտանոցը զննելու և կծելու, որպեսզի իմանար իսկական է, թե կեղծ, Թոմը շշնջաց Ջիմի ականջին․
 +
 +
― Երբեք ցույց չտաս, թե ճանաչում ես մեզ։ Եթե գիշերը գետինը փորելու ձայն լսես, իմացիր, որ մենք ենք․ ուզում ենք քեզ ազատել։
 +
 +
Ջիմը հազիվ ժամանակ ունեցավ բռնելու մեր ձեռքերն ու սեղմելու։ Վերադարձավ մյուս նեգրը, և մենք ասացինք, որ եթե ցանկանում է, մի ուրիշ անգամ էլ կգանք։ Նեգրն ասաց, որ դեմ չի լինի, հատկապես երբ մութ է, որովհետև կախարդները մեծ մասամբ վրա են տալիս մութ ժամանակ։ Լավ կլինի, եթե իր հետ մարդիկ լինեն։
 +
 +
 +
==Գլուխ երեսունհինգերորդ==
 +
 +
 +
Մինչև նախաճաշը դեռ մի ժամ կար։ Դուրս եկանք անտառ։ Թոմն ասաց, որ մենք պետք է լուսավորող մի բան ունենանք, թե չէ չենք տեսնի, թե ինչպես ենք փորում։ Լապտերի լույսը պայծառ է․ կարող է մեզ մատնել։ Մեզ պետք էին փայտի փտած հաստ կտորներ, որ կոչվում էին աղվեսի կրակ և մութ տեղում աղոտ լույս են արձակում։ Մենք այդ փայտերից մի գիրկ բերինք, թաքցրինք եղեգների մեջ և նստեցինք հանգստանալու։ Թոմը մի տեսակ դժգոհ ասաց․
 +
 +
― Գրո՜ղը տանի։ Ամեն ինչ շատ հեշտ ու հանգիստ է ընթանում, և մարդ դժվարանում է մի կարգին ծրագիր կազմել։ Չկա պահակ, որ դեղերով քնեցնենք։ Իսկ պահակ պետք է լիներ։ Նույնիսկ շուն չկա, որ քնաբեր դեղ տանք։ Ջիմի միայն մեկ ոտքն է տասը ոտնաչափ շղթայով կապված մահճակալի ոտքից։ Մնում է միայն բարձրացնել մահճակաը, և շղթան սահելով ցած կընկնի։ Հորեղբայր Սայլասը բոլորին հավատում է, բանալին տալիս է այդ բթամիտ նեգրին և ոչ ոքի չի ուղարկում նրան հսկելու։ Ջիմը մինչև այժմ կարող էր պատուհանի ծակից փախչել, բայց անիմաստ կլիներ, եթե տասը ոտնաչափ երկարությամբ շղթան սրունքին՝ դուրս գար ճանապարհ։ Ուղղակի ձանձրալի է, Հեք։ Ես ավելի տխմար բան չեմ տեսել։ Ինքդ պետք է հնարես բոլոր դժվարությունները։ Ինչ որ է, ոչինչ անել չենք կարող։ Պետք է լավագույն ձևով օգտագործենք մեր ձեռքի տակ եղածը։ Այնուամենայնիվ, կա մի բան։ Ավելի պատվաբեր է նրան փրկել մի շարք դժվարություններից ու վտանգներից, երբ ոչ ոք մեզ համար չի ստեղծել այդ վտանգավոր պայմանները, և մենք ինքներս պետք է դրանք հնարենք, չնայած պարտավոր չենք։ Այ, թեկուզ լապտերը։ Եթե անկեղծ խոսենք, պետք է ձևացնենք, թե իբր լապտերը վտանգավոր է։ Բայց կարծում եմ՝ մենք կարող ենք ջահի լույսով մի ամբողջ հուղարկավորություն կատարել, եթե ուզենանք։ Ա՛յ, հանկարծ ինչ անցավ մտքովս․ առաջին հերթին պետք է այնպիսի մի բան փնտրենք, որից սղոց պատրաստենք։
 +
 +
― Իսկ մեր ինչի՞ն է պետք սղոցը։
 +
 +
― Սղո՞ցը։ Մի՞թե չպետք է սղոցենք Ջիմի մահճակալի ոտքը, որպեսզի շղթան թուլանա, դուրս գա։
 +
 +
― Ինչո՞ւ, հենց նոր ասացիր, թե կարելի է մահճակալի ոտքը բարձրացնել, և շղթան կսահի, դուրս կգա։
 +
 +
― Ասածդ շատ նման է քեզ, Հեք Ֆինն։ Դու միշտ կարող ես մանկապարտեզային ձևեր ընտրել։ Մի՞թե ոչ մի գիրք չես կարդացել, չե՞ս կարդացել բարոն Թրենքի մասին, կամ Կազանովայի, Բենվենուտո Չելինիի կամ Հենրի Չորրորդի մասին։ Այս հերոսների վերաբերյալ ոչինչ չգիտես։ Ո՞վ է լսել, որ բանտարկյալին ազատեն ինչ֊որ տնական հնացած ձևերով։ Ո՛չ, ամենահեղինակավոր մարդիկ փայտե մահճակալի ոտքը սղոցում, երկու մասի են բաժանում, կպցնում ու այդպես էլ թողնում են։ Թեփը կուլ են տալիս, որպեսզի հետք չմնա, սղոցած տեղին մի քիչ փոշի  կամ ճարպ են քսում, որպեսզի ամենասրատես բանտապետն էլ սղոցելու ոչ մի հետք չնկատի և կարծի, թե մահճակալի ոտքն  անվնաս է։ Այն գիշերը, երբ պատրաստ ես փախչելու, մի հարված կտաս ոտքին, դա մի կողմ կթռչի, շղթան ցած կընկնի, և վերջ։ Այնուհետև միայն մնում է, որ պարանե սանդուղքի ծայրը նետես ատամնավոր պատի ցցվածքին, սողաս ներքև, ոտքդ ջարդես, քանի որ պարանը տասնինը ոտնաչափ կարճ է։ Այնտեղ սպասում են ձիերդ ու հավատարիմ ծառաներդ։ Նրանք քեզ կբարձրացնեն թամբի վրա և կթռցնեն  քո հայրենի Լանգեդոքը կամ Նավարրան, կամ ուր ուզում ես։ Հիանալի է, չէ՞, Հեք։ Որքա՜ն կուզենայի, որ այս հյուղակի մոտ խրամ լիներ։ Եթե փախուստի գիշերը ժամանակ ունենանք, խրամ էլ կփորենք։
 +
 +
Ես ասացի․
 +
 +
― Ինչների՞ս է պետք խրամը, երբ մենք Ջիմին դուրս ենք բերելու ստորերկրյա ճանապարհով։
 +
 +
Նա ինձ չէր լսում․ մոռացել էր և՛ ինձ, և՛ ամեն ինչ։ Նա, ծնոտը ձեռքերի մեջ առած, մտածում էր։ Շուտով հառաչեց ու շարժեց գլուխը։ Ապա նորից հառաչեց։
 +
 +
― Ոչ, դա հարմար չէ․ ոչ մի անհրաժեշտություն չկա։
 +
 +
― Ի՞նչ, ― հարցրի ես։
 +
 +
― Պետք է Ջիմի սրունքը սղոցել, ― ասաց նա։
 +
 +
― Տե՜ր աստված, ― ասացի ես, ― իհարկե, ի՞նչ կարիք կա։ Իսկ ինչո՞ւ էիր ուզում Ջիմի սրունքը սղոցել։
 +
 +
― Է՛հ, հեղինակավոր մարդկանցից մի քանիսն այդպիսի բան արել են։ Սրունքն ավելի լավ է։ Բայց մենք պետք է հրաժարվենք դրանից։ Այս դեպքում կարիք չկա։ Բացի այդ, Ջիմը նեգր է և չի կարող հասկանալ դրա պատճառները։ Դա ընդունված է Եվրոպայում, ուստի մենք պետք է հրաժարվենք։ Բայց կա մի բան․ նրա համար հնարավոր է պարանե սանդուղքը։ Կարող ենք պատռել մեր սավանները և նրա համար սանդուղք պատրաստել։ Դա դժվար չէ․ պարանը կարող ենք կարկանդակի մեջ դնել և ուղարկել նրան։ Մեծ մասամբ այդպես են անում։ Ես դրանից ավելի վատ կարկանդակ եմ կերել։
 +
 +
― Ինչե՜ր ես ասում, Թոմ Սոյեր, ― ասացի ես, ― Ջիմը պարանե սանդուղքի կարիք չունի։
 +
 +
― Ոչ, ունի։ Ավելի լավ է ասես, որ դու այդ մասին ոչինչ չգիտես։ Նրան պետք է պարանե սանդուղք։ Բոլորն էլ ունենում են։
 +
 +
― Իսկ դրանով ի՞նչ է անելու։
 +
 +
― Ինչ է անելո՞ւ։ Կարող է թաքցնել անկողնու մեջ, չի՞ կարող։ Բոլորն էլ այդպես են անում․ նա էլ պարտավոր է անել, Հեք։ Ինչպես տեսնում եմ, դու ոչ մի բան չես ուզում օրենքով անել, ուզում ես միշտ մի նոր բան սկսել։ Ասենք թե դա նրան պետք չէ, բայց չէ՞ որ դա կմնա նրա անկողնու մեջ որպես կծիկի ծայր, երբ նա արդեն փախած կլինի։ Չե՞ս ընդունում, որ մարդկանց պետք են փաստեր։ Իհարկե, պետք են։ Մի՞թե չես ուզում որևէ հետք թողնել։ Ինչի՞ նման կլինի։ Ես այդպիսի բան չեմ լսել։
 +
 +
― Լավ, ― ասացի, ― եթե կարգն այդ է, և նա պարտավոր է սանդուղք ունենալ, թող ունենա․ ես օրենքին հակառակ գնալ չեմ ուզում։ Բայց մի բան էլ կա, Թոմ Սոյեր։ Եթե պատառոտենք մեր սավանները և Ջիմի համար պարանե սանդուղք պատրաստենք, ապա մորաքույր Սալլին կաղմկի, և մենք անախորժությունների մեջ կընկնենք։ Դա պարզ է։ Իմ կարծիքով, ընկուզենու կեղևից պատրաստած սանդուղքն ավելի էժան կնստի, նույնքան հարմար է կարկանդակի մեջ մտցնել և ներքնակի մեջ պահել, որքան շորից պատրաստածը։ Ինչ վերաբերում է Ջիմին, նա փորձ չունի, նրա համար միևնույն է, թե ինչպիսին է․․․
 +
 +
― Ա՜խ, Հեք Ֆինն, եթե ես քեզ նման անտեղյակ լինեի գործին, ձայնս կկտրեի։ Ո՞վ է լսել, որ պետական բանտարկյալը ընկույզի կեղևից պատրաստած սանդուքով փախչի։ Ուղղակի ծիծաղելի է։
 +
 +
― Լավ, Թոմ, արա, ինչ գիտես, բայց եթե ինձ լսես, դրսում պարանից կախված սավաններից մեկը կվերցնենք։
 +
 +
Նա ասաց, որ դա վատ միտք չէ։ Մի նոր միտք էլ ծագեց նրա գլխում․
 +
 +
― Մի շապիկ էլ վերցրու։
 +
 +
― Ինչների՞ս է պետք շապիկը, Թոմ։
 +
 +
― Ջիմի համար, որպես օրագիր։
 +
 +
― Օրագիրը պահիր քո տատիկի համար․ Ջիմը գրել չգիտե։
 +
 +
― Թեկուզև գրել չգիտե, բայց կարող է նշաններ անել վրան։ Չի՞ կարող, եթե մենք մնացած անագի մի կտորից կամ տակառի մետաղե հին օղակից մի գրիչ պատրաստենք։
 +
 +
― Ինչո՞ւ, Թոմ, մենք կարող ենք սագի վրայից մի փետուր քաշել և ավելի լավը պատրաստել, ավելի շուտ։
 +
 +
― Բայց սագերը բանտի շուրջը չեն վազվզում, որպեսզի բանտարկյալները կարողանան փետուր քաշել, հիմա՛ր։ Նրանք իրենց գրիչները միշտ պատրաստում են ամենակարծր, ամենակոշտ արույրե մոմակալներից կամ ձեռքներն ընկած նման բաներից։ Անհրաժեշտ են շաբաթներ ու ամիսներ խարտոցելու, որովհետև դրանք պետք է խարտոցեն պատին քսելով։ Նրանք սագի փետուր չեն օգտագործում, նույնիսկ եթե ունենան էլ։ Դա ընդունված չէ։
 +
 +
― Լավ, իսկ թանա՞քը ինչից ենք պատրաստելու։
 +
 +
― Շատերը թանաք պատրաստում են երկաթի ժանգից ու արցունքներից, բայց դա շատ հասարակ ու կանացի միջոց է։ Օրինավոր բանտարկյալները իրենց արյունն են օգտագործում այդ նպատակի համար։ Ջիմը կարող է դա անել։ Երբ ցանկանա որևէ փոքրիկ, սովորական, խորհրդավոր պատգամ ուղարկել, որպեսզի աշխարհն իմանա, թե որտեղ է կալանված, կարող է պատառաքաղով գրել թիթեղյա ափսեի հատակին և պատուհանից դուրս նետել։ Երկաթե Դիմակը<ref>Երկաթե Դիմակ ― 17֊րդ դարում Փարիզի Բաստիլիա կոչվող բանտում կար մի կալանավոր, որի դեմքը շարունակ ծածկված էր երկաթե դիմակով։</ref> միշտ այդպես է վարվել, և դա շատ լավ միջոց է։
 +
 +
― Ջիմը թիթեղյա ափսե չունի։ Նրա ճաշը տապակով են տանում։
 +
 +
― Ոչինչ, կարող ենք ճարել։
 +
 +
Ոչ ոք չի կարողանա կարդալ նրա գրածը։
 +
 +
― Դա ոչ մի նշանակություն չունի, Հեք Ֆինն։ Նրա գործը միայն ափսեի վրա գրելն ու դուրս նետելն է։ Ոչ ոք քեզ չի ստիպի կարդալ։ Դու ափսեի կամ որևէ այլ բանի վրա բանտարկյալի գրածի կեսն էլ չես կարող կարդալ։
 +
 +
― Լավ, էլ ի՞նչ միտք ունի ափսեները փչացնել։
 +
 +
― Է՛հ, ինչե՜ր ես ասում, չէ՞ որ դրանք կալանավորի ափսեներ չեն։
 +
 +
― Բայց որևէ մեկին պատկանում են, այնպես չէ՞։
 +
 +
― Լավ, ասենք թե պատկանում են։ Բանտարկյալի ի՞նչ պետքն է։
 +
 +
Այստեղ նա վերջացրեց խոսքը, որովհետև մենք լսեցինք նախաճաշ ազդարարող եղջերափողի ձայնը և գնացինք տուն։
 +
 +
Այդ առավոտյան ես մի սավան ու մի շապիկ թռցրի լվացքի պարանի վրայից, մի հին տոպրակ գտա, դրանք դրեցի մեջը, իջա ներքև, հավաքեցի փտած փայտը և նույնպես դրեցի տոպրակի մեջ։ Ես դա համարեցի «փոխ վերցրած», որովհետև հայրս ամեն մի թռցրած բանին այդ անունն էր տալիս, բայց Թոմն ասում էր, թե դա փոխ վերցնել չէ, այլ գողություն է։ Նա ասաց, որ դա բանտարկյալների համար է, իսկ բանտարկյալների հոգը չէ, թե ինչ միջոցներով են դա ձեռք բերում, միայն թե ձեռք բերեն, և ոչ ոք դրա համար նրանց չի մեղադրում։ Ասաց, որ բանտարկյալի համար հանցանք չէ իր փախուստի համար անհրաժեշտ բաներ գողանալը․ դա նրա իրավունքն է։ Ուրեմն՝ մենք մեր բանտարկյալի համար լիակատար իրավունք ունենք գողանալ այն ամենը, ինչ նվազագույն չափով կօգնի մեզ, որ Ջիմին բանտից դուրս բերենք։ Նա ասաց, որ եթե մենք բանտարկյալներ չլինեինք, բոլորովին այլ բան կլիներ։ Ոչ ոք, բացի ստոր, կեղտոտ մարդուց, ոչինչ չի գողանա, եթե բանտարկյալ չէ։ Ուստի մենք մեզ թույլ տվեցինք գողություն անել։ Սակայն դրանից հետո, մի անգամ նա մեծ աղմուկ բարձրացրեց, երբ ես նեգրի հողամասից մի ձմերուկ գողացա և կերա։ Նա ինձ ստիպեց գնալ և նեգրին տալ տասը ցենտ, առանց ասելու, թե ինչու։ Թոմի կարծիքով, մենք կարող էինք գողանալ միայն այն, ինչ իսկապես մեզ անհրաժեշտ է։ «Լավ, ― ասացի ես, ― ձմերուկն ինձ անհրաժեշտ է»։ Բայց նա ասաց, որ բանտից դուրս գալու համար դա անհրաժեշտ չէ։ Ահա թե ինչ։ Նա ասաց, որ եթե ես ձմերուկն ուզում էի, որպեսզի մեջը դանակ թաքցնեմ և գաղտնի այն հասցնեմ Ջիմին, և նա դրանով բանտապահին սպանի, դա ուրիշ բան կլինի։ Ես այլևս չառարկեցի, թեև մի բան չէի կարողանում հասկանալ․ բանտարկյալին ի՞նչ օգուտ, եթե ամեն անգամ ձմերուկ գողանալիս ես նստեմ ու մտածեմ նման բազմաթիվ նրբությունների մասին։
 +
 +
Ինչպես ասացի, այդ առավոտ մենք սպասեցինք, մինչև բոլորը գնացին իրենց գործին։ Բակում ոչ ոք չէր երևում։ Այնուհետև Թոմը տոպրակը տարավ հյուղակին կից մարագը, իսկ ես որոշ ժամանակ քիչ հեռուն կանգնած՝ հսկում էի։ Շուտով նա դուրս եկավ, և մենք գնացինք, նստեցինք գերանների վրա՝ խոսելու։ Նա ասաց․
 +
 +
― Ամեն ինչ այժմ պատրաստ է, բացի գործիքներից, իսկ դրանք ճարելը դժվար չէ։
 +
 +
― Գործիքնե՞ր, ― ասացի ես։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ինչի՞ համար են գործիքները։
 +
 +
― Ինչի համա՞ր․ փորելու։ Մենք ատամներո՞վ ենք նրա ճանապարհը բացելու։
 +
 +
― Մի՞թե հին, ջարդված քլունգներ և այլ գործիքներ չկան, որոնք պիտանի լինեն մի նեգրի ճանապարհը բացելու համար, ― ասացի ես։
 +
 +
Նա դարձավ դեպի ինձ, այնպիսի մի ցավակցական հայացք գցելով վրաս, որ քիչ էր մնում՝ լաց լինեի։
 +
 +
― Հե՛ք Ֆինն, դու երբևէ լսե՞լ ես, որ բանտարկյալը քլունգ, բահ, ժամանակակից ուրիշ հարմարանքներ ունենա հող փորելու և դուրս գալու համար։ Ուզում եմ հարցնել, եթե խելքդ մի բան կտրում է․ էլ ինչպե՞ս նա կարող է փառք վաստակել։ Գուցե ավելի լավ կլիներ, եթե նրան բանալի տային և դրանով հաշիվը փակվեր։ Քլո՜ւնգ, բա՜հ։ Նման բաներ թագավորներին էլ չեն տալիս։
 +
 +
― Լավ, եթե բահ ու քլունգ չենք ուզում, էլ ի՞նչ է մեր ուզածը։
 +
 +
― Երկու փոքրիկ դանակ։
 +
 +
― Որոնցով հյուղակի հիմքը փորի ու դո՞ւրս գա։
 +
 +
― Այո։
 +
 +
― Գժվե՞լ ես, ի՞նչ է, Թոմ․ հիմար բան ես ասում։
 +
 +
― Կարևոր չէ՝ հիմար բան է, թե ոչ, բայց կարգն այդ է։ Որքան լսել եմ, ուրիշ ճանապարհ չկա, և ես կարդացել եմ այն բոլոր գրքերը, որոնք շատ թե քիչ տեղեկություններ են տալիս այս բաների մասին։ Միշտ դանակով են փորում և այն էլ ոչ փափուկ հող։ Սովորաբար ժայռեր են փորում։ Շաբաթներ են անցնում, բայց նրանք փորում են, փորում։ Դրա օրինակն է Մարսելի Դիֆ ամրոցի զնդանի հատակին ընկած բանտարկյալներից մեկը, որը փորելով է բացել իր ճանապարհը։ Ի՞նչ ես կարծում, որքան ժամանակ է փորել։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Գուշակիր։
 +
 +
― Չգիտեմ․․․ մի ամիս, մի ամիս ու կես։
 +
 +
― Երեսունյոթ տարի, և նա դուրս է եկել Չինաստանում։ Ա՛յ, իսկականն այդ է։ Լավ կլիներ, որ մեր այս բանտի հատակն էլ պինդ ժայռ լիներ։
 +
 +
― Բայց Ջիմը Չինաստանում ոչ ոքի չի ճանաչում։
 +
 +
― Դա ի՞նչ կապ ունի դրա հետ։ Այդ մարդն էլ ոչ ոքի չէր ճանաչում։ Դու միշտ գործից շեղվում ես։ Ինչո՞ւ չես կարող հիմնական հարցին կպչել։
 +
 +
― Լավ, ինձ համար նշանակություն չունի, թե նա որտեղ դուրս կգա, ոչ էլ, կարծում եմ, Ջիմի համար նշանակություն ունի։ Սակայն այսպես թե այնպես, կա մի բան․ Ջիմը ծեր է և փոքրիկ դանակով փորելով դուրս չի գա․ այդքան երկար չի ապրի։
 +
 +
― Ո՛չ, կապրի։ Մի՞թե դու կարծում ես, թե այստեղ երեսունյոթ տարի է պետք, երբ այս հյուղակի հիմքը հող է։
 +
 +
― Որքա՞ն կտևի, Թոմ։
 +
 +
― Դեհ, մենք չենք կարող այնքան երկար գործել, որքան պարտավոր ենք, որովհետև հորեղբայր Սայլասը շուտով կարող է Օռլենաից Ջիմի մասին ծանուցագիր ստանալ։ Կիմանա, որ Ջիմն այնտեղից չէ։ Այնուհետև նրա հաջորդ քայլը կլինի Ջիմի մասին հայտարարություն տալ կամ նման մի բան անել։ Մենք չենք կարող այդքան երկար ժամանակ փորելու վտանգին ենթարկվել։ Օրենքով պետք է երկու տարի փորեր, բայց այդքան սպասել չենք կարող․ դրությունն անչափ անորոշ է։ Իմ խորհուրդն այս է։ Հնարավորության չափ արագ կփորենք, բայց կհաշվենք, թե երեսունյոթ տարի ենք փորել։ Ապա կարող ենք դուրս բերել նրան ու փախցնել, հենց որ տագնապի առաջին ազդանշանը լսենք։ Իմ կարծիքով լավագույն միջոցը դա է։
 +
 +
Այժմ ասածդ բանի նման է, ― ասացի ես, ― երևակայելն ի՞նչ է մեզ համար։ Դա ոչ մի նեղություն էլ չէ։ Եթե պետք է, ես կարող եմ երևակայել, թե հարյուր հիսուն տարի ենք փորել։ Դա ինձ համար դժվար չէ, երբ արդեն սկսել եմ այդ աշխատանքը։ Հիմա կգնամ, երկու փոքրիկ դանակ կճարեմ։
 +
 +
― Երեք հատ ճարիր, ― ասաց նա, ― մեկն էլ պետք է՝ սղոց շինելու համար։
 +
 +
― Թոմ, ― ասացի ես, ― եթե կանոնին և կրոնին հակառակ չէ, ես կառաջարկեմ ապխտանոցի ետևում, ծածկի տակ ընկած ժանգոտած սղոցի շեղբը։
 +
 +
Նա նայեց մի տեսակ վշտացած, հուսախաբ հայացքով և ասաց․
 +
 +
― Իզուր է, դու ոչ մի կարգին բան չես սովորի, Հեք։ Վազիր և ճարիր դանակները, երեք հատ։
 +
 +
Ես վազեցի կատարելու նրա հանձնարարությունը։
 +
 +
 +
==Գլուխ երեսունվեցերորդ==
 +
 +
 +
Այդ գիշեր հենց որ բոլորը քնեցին, մենք ցած իջանք շանթարգելով և փակվեցինք մարագում։ Պարկից հանեցինք փտած փայտը և գործի անցանք։ Մեր ճանապարհը ներքևի գերանի երկարությամբ չորս֊հինգ ոտնաչափ ամեն ինչից մաքրեցինք։ Թոմն ասաց, որ այժմ ուղղակի գտնվում ենք Ջիմի մահճակալի տակ և հենց նրա տակ էլ կխրամատավորվենք։ Երբ վերջացնենք, հյուղակում ոչ ոք չի իմանա, թե այնտեղ որևէ անցք կա, որովհետև Ջիմի վերմակը կախվում է մինչև գետինը, և անցքը տեսնելու համար պետք է այն վեր բարձրացնել։ Շարունակեցինք դանակներով փորել մինչև գրեթե կեսգիշեր։ Արդեն շան նման հոգնել էինք, մեր ձեռքերին առաջացել էին բշտիկներ, բայց դեռ չէր երևում, թե որևէ բան ենք արել։ Վերջապես ես ասացի․
 +
 +
― Սա ոչ թե երեսունյոթ տարվա, այլ երեսունութ տարվա գործ է, Թոմ Սոյեր։
 +
 +
Նա ոչինչ չասաց, խորը հառաչեց և շուտով դադարեց փորելուց։ Ես նկատեցի,  որ երկար ժամանակ մտածում է։ Հետո թե․
 +
 +
― Իզուր է, Հեք, բան դուրս չի գա։ Եթե բանտարկյալները մենք լինեինք, գլուխ կգար, որովհետև այդ դեպքում մենք մեր տրամադրության տակ կունենայինք այնքան տարիներ, որքան ուզենայինք։ Շտապելու կարիք չէր լինի և մենք օրական մի քանի րոպե կաշխատեինք պահակների հերթափոխության ժամանակ։ Մեր ձեռքերին էլ բշտիկներ չէին առաջանա։ Կփորեինք տարիներով, և ամեն ինչ կլիներ ճիշտ այնպես, ինչպես հարկն է։ Բայց մենք չենք կարող հիմարաբար ժամանակը վատնել․ պարտավոր ենք շտապել։ Եթե մի գիշեր էլ այսպես աշխատենք, ստիպված կլինենք մի շաբաթ դադար տալ, որպեսզի մեր ձեռքերը լավանան։ Ավելի շուտ դանակ բռնել չենք կարողանա։
 +
 +
― Լավ, ուրեմն ի՞նչ անենք, Թոմ։
 +
 +
― Ասեմ, թե ինչ։ Սա ճիշտ չէ և դեմ է բարոյականությանը։ Չէի ցանկանա, որ այս բանն իմացվեր, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Մենք ստիպված կլինենք քլունգներով փորել և կերևակայենք, թե դրանք մեծ դանակներ են։
 +
 +
― Ա՜յ, ինչ եմ ասե՜լ, ― գոչեցի ես, ― քո գլուխն ավելի ու ավելի լավ է աշխատում, Թոմ Սոյեր։ Բարոյականության դեմ է թե ոչ, իսկականը գլունգն է։ Ինչ վերաբերում է ինձ, ես այդ բարոյականությանը ոչ մի նշանակություն չեմ տա։ Երբ ես սկսում եմ նեգր գողանալ, կամ մի ձմերուկ կամ կիրակնօրյա դպրոցի մի գիրք, ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե դա ինչպես է կատարվում։ Միայն թե կատարվի։ Իմ ուզածն իմ նեգրն է, ձմերուկը, կիրակնօրյա դպրոցի գիրքը։ Եվ եթե քլունգն ամենաձեռնտու բանն է, ապա դրանով էլ կփորեմ, դուրս կբերեմ իմ նեգրին կամ ձմերուկը կամ կիրակնօրյա դպրոցի գիրքը։ Ինձ համար մի սատկած առնետի չափ էլ արժեք չունի, թե հեղինակավոր մարդիկ ինչ կմտածեն։
 +
 +
― Լավ, ― ասաց նա, ― այս գործում կարելի էր արդարացնել նաև քլունգը և երևակայել որևէ այլ բան։ Եթե դա այդպես չլիներ, ես չէի համաձայնի, ոչ էլ մի կողմ կկագնեի ու կդիտեի կանոնի խախտումը, որովհետև ճիշտը ճիշտ է, սխալը սխալ, և ոչ ոք իրավունք չունի սխալ գործելու, եթե նա անգիտակ մարդ չէ և գործը լավ է հասկանում։ Կարող էր քեզ համար հարմար լինել և քլունգով փորել, դուրս բերել Ջիմին, առանց որևէ բան երևակայելու, որովհետև դու այդ բանը չես հասկանում։ Իսկ ինձ չի կարելի, որովհետև ես գիտեմ՝ ինչն է ճիշտ։ Ինձ մի դանակ տուր։
 +
 +
Նրա դանակն իր մոտ էր, բայց, այնուամենայնիվ, ես իմը տվի։ Նա դանակը շպրտեց գետին ու ասաց․
 +
 +
― Դանա՛կ տուր։
 +
 +
Սկզբում չգիտեի, թե ինչ անեմ, բայց հետո գլխի ընկա։ Հին գործիքները դես֊դեն շուռ տալով, մի քլունգ ճարեցի ու տվի։ Նա վերցրեց ու գործի անցավ՝ առանց մի բառ ասելու։
 +
 +
Նա ուրի՜շ տղա էր։ Ես էլ մի բահ վերցրի, փորեցինք ու հողը դուրս թափեցինք։ Հողի կտորները դես֊դեն էին թռչում։ Այդպես աշխատեցինք մոտ կես ժամ։ Ավելի երկար աշխատել չէինք կարող։ Բայց անցքի զգալի մասն արդեն փորված էր։ Երբ բարձրացա սենյակ, պատուհանից նայեցի Թոմին։ Նա ամեն ճիգ գործադրում էր շանթարգելով բարձրանալու համար, բայց չէր կարողանում․ ձեռքերը բշտիկներից ցավում էին։ Վերջապես ասաց․
 +
 +
― Իզուր է, հնարավոր չէ բարձրանալ։ Քո կարծիքով, ի՞նչ անեմ, որ ավելի լավ լինի, Հեք։ Չե՞ս կարող մի ուրիշ միջոց հնարել։
 +
 +
― Կարող եմ, բայց դա կանոնին հակառակ կլինի։ Աստիճաններով բարձրացիր և երևակայիր, թե դա շանթարգել է։
 +
 +
Եվ նա այդպես էլ արեց։
 +
 +
Հաջորդ օրը Թոմը տնից գողացավ անագե մի գդալ և արույրե մի մոմակալ, որպեսզի Ջիմի համար գրիչներ պատրաստի։ Գողացավ նաև վեց մոմ։ Ես էլ, պտտվելով նեգրերի հյուղակների շուրջը և, հարմար առիթից օգտվելով, թռցրի անագե երեք ափսե։ Թոմն ասաց, որ դա բավական չէ, բայց ես առարկեցի․ ոչ ոք չի տեսնի Ջիմի դուրս նետած ափսեները։ Դրանք կընկնեն պատուհանի տակի վայրի խոտերի ու եղինջների մեջ, մենք էլ կվերցնենք ու կվերադարձնենք, և նա նորից կարող է գրել։ Թոմը գոհ էր իմ բացատրությունից և ասաց․
 +
 +
― Այժմ մնում է մի բան․ այս իրերն ինչպե՞ս հասցնենք Ջիմին։
 +
 +
― Անցքից կտանք, երբ այն լրիվ բացված կլինի, ― ասացի ես։
 +
 +
Նա արհամարհական հայացքով նայեց ինձ և ասաց, որ ոչ ոք երևի նման հիմար միտք հայտնած չէր լինի, ապա շարունակեց մտածել։ Շուտով ասաց, որ ինքը երկու֊երեք միջոց է գտել, բայց դեռ կարիք չկա որոշելու, թե որի՛ վրա պետք է կանգ առնել։ Ասաց, որ մենք պետք է նախ Ջիմին տեղեկացնենք այդ մասին։
 +
 +
Այդ երեկո շանթարգելով ցած իջանք։ Ժամը ութն անց էր։ Մեզ հետ վերցրինք մոմերից մեկը։ Պատուհանի տակ ականջ դրինք և լսեցինք Ջիմի խռմփոցը։ Մոմը պատուհանից ներս գցեցինք, բայց Ջիմը չարթնացավ։ Եռանդով գործի դրինք քլունգն ու բահը։ Մոտ երկու և կես ժամում գործն ավարտված էր։ Սողալով հասանք Ջիմի մահճակալի տակ, մտանք հյուղակը, շոշափեցինք մեր շուրջը, գտանք մոմը, վառեցինք և մի պահ կանգնեցինք Ջիմի գլխավերևում։ Նա առողջ տեսք ուներ։ Զգուշությամբ ու աստիճանաբար արթնացրինք։ Նա այնքան ուրախացավ, երբ մեզ տեսավ, որ քիչ մնաց՝ լաց լինի։ Մեզ անվանեց «անուշիկներ» և շատ ուրիշ փաղաքշական բառեր մրմնջաց։ Խնդրեց, որ անմիջապես կտրենք ոտքի շղթան ու առանց ժամանակ կորցնելու փախչենք։ Բայց Թոմը բացատրեց, որ դա կանոնին հակառակ կլիներ, և նստեց նրա կողքին ու պատմեց մեր ծրագրերի մասին։ Ասաց, որ հանկարծ կարող ենք փոխել մեր ծրագրերը, երբ տագնապի նշաններ երևան, և որ վախենալու կարիք չկա․ մենք անպայման նրան կազատենք։ Ջիմը համաձայնեց և մենք նստեցինք այնտեղ ու մի քիչ խոսեցինք անցյալից։ Հետո Թոմը մի շարք հարցեր տվեց։ Երբ Ջիմն ասաց, որ հորեղբայր Սայլասը երկու օրը մեկ գալիս է իր հետ աղոթելու, մորաքույր Սալլին էլ գալիս է տեսնելու, թե կալանավորն ինչպես է զգում իրեն, բավարար սնունդ տալի՞ս են, թե՞ ոչ։ Ամուսինները երկուսն էլ շատ բարի են։
 +
 +
Թոմն ասաց․
 +
 +
― Այժմ գիտեմ, թե ինչպես է այդ գործը գլուխ գալու։ Մենք քեզ որոշ բաներ նրանց միջոցով կուղարկենք։
 +
 +
Ես առարկեցի․
 +
 +
― Այդպիսի բան չանես։ Ես ավելի ապուշ բան չեմ պատկերացնում։
 +
 +
Բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց և շարունակեց իր խոսակցությունը։ Նա միշտ այդպես էր, երբ մի բան էր ծրագրում։
 +
 +
Թոմը Ջիմին պատմեց, թե ինչպես մենք կերակրող նեգր Նաթի միջոցով պարանե սանդուղք և ուրիշ բաներ կհասցնենք իրեն՝ կարկանդակի մեջ դրած։ Ինքը պետք է զգույշ լինի, հանկարծակիի չգա և այնպես անի, որ բացելիս Նաթը ոչինչ չնկատի, իսկ փոքր բաները կդնենք հորեղբոր բաճկոնակի գրպանները։ Ինքը՝ Ջիմը պետք է դրանք ծածուկ դուրս բերի գրպաններից։ Որոշ բաներ էլ կկապենք մորաքույր Սալիի գոգնոցի թելերից կամ կդնենք գոգնոցի գրպանը, եթե հարմար առիթ լինի։ Թոմն ասաց, թե ինչ կուղարկի և ինչի համար են դրանք, թե ինչպես է օրագիր պահելու՝ իր արյամբ շապկի վրա գրելով։ Նա ամեն ինչ ասաց։ Ջիմը չէր հասկանում, թե ինչ նպատակ ունի այդ ամենը, բայց ընդունում էձ, որ մենք, լինելով սպիտակամորթներ, իրենից լավ ենք հասկանում։ Գոհ մնաց և խոստացավ, որ այդ ամենը կկատարի այնպես, ինչպես Թոմն է պատվիրել։
 +
 +
Ջիմը ծխախոտ շատ ուներ, ինչպես նաև եգիպտացորենի ցողունից պատրաստած ծխամորճեր։ Լավ ժամանակ անցկացրինք։ Ապա սողալով դուրս եկանք անցքից ու գնացինք քնելու։ Մեր ձեռքերի կաշին կարծես պոկված լիներ։ Թոմի տրամադրությունը բարձր էր։ Նա ասաց, որ դա իր կյանքի ամենազվարճալի և ամենախելացի իրադարձությունն է։ Եթե իմանար, թե բանն ինչով կվերջանա, մեր ամբողջ կյանքում կշարունակեինք այդ խաղը և կթողնեինք, որ մեր երեխաները Ջիմին ազատեն։ Թոմը հավատացած էր, որ Ջիմը որքան ընտելանար իր վիճակին, այնքան դա դուր կգար նրան։ Թոմն ասաց, որ այդ ձևով դա կձգձգվեր մինչև ութսուն տարի։ Դա ռեկորդային ժամկետ կլիներ, և մեզ կփառաբանեին որպես այդ գործի մասնակիցների։
 +
 +
Առավոտյան գնացինք փայտի դեզի մոտ և կտրատեցինք, մաս֊մաս արեցինք արույրե մոմակալը։ Թոմն այդ կտորներն ու անագե գդալն իր գրպանը դրեց։ Ապա գնացինք դեպի նեգրերի հյուղակները, և մինչ ես Նաթի ուշադրությունը կգրավեի իմ կողմը, Թոմը մոմակալի մի կտորը խրեց Ջիմին ուղարկվող հացի մեջ, և մենք Նաթի հետ գնացինք Ջիմի մոտ՝ տեսնելու, թե ինչ դուրս կգա։ Արդյունքը հիանալի էր։ Երբ Ջիմը կծեց հացը, քիչ էր մնում ատամը ջարդի։ Ոչ մի բան ավելի լավ նպատակին հասած չէր լինի, ինչպես ասաց Թոմը։ Ջիմի դեմքը ոչինչ չարտահայտեց։ Նա միայն ասաց, որ ինչ֊որ քարի կտոր կամ նման մի բան պետք է լինի։ Դե, հացի մեջ միշտ այդպիսի բաներ լինում են։ Այնուհետև ոչ մի բան բերանը չէր տանում, մինչև պատառաքաղը երեք֊չորս տեղից չէր խրում։
 +
 +
Մինչ մենք կանգնած էինք աղոտ լույսի տակ, Ջիմի մահճակալի տակից դուրս թռան երկու շուն, և հետզհետե դրանց թիվը շատացավ, հասավ տասնմեկի։ Խցիկում շունչ քաշելու տեղ չմնաց։ Աստվա՜ծ իմ, մոռացել էինք կողքի մարագի դուռը փակել։ Նեգր Նաթը միայն մի անգամ գոռաց․ «կախարդները», վայր ընկավ հատակին, շների մեջ ու սկսեց այնպես տնքալ, կարծես մեռնում էր։ Թոմը բաց արեց դուռը, Ջիմին բերած մսից մի կտոր դուրս նետեց, և շները վազեցին մսի վրա։ Վայրեկենապես ինքն էլ դուրս եկավ, ապա վերադարձավ ու փակեց դուռը։ Կարծում եմ, որ նա փակած կլիներ նաև կողքի սենյակի դուռը։ Թոմն օգնության հասավ ընկած նեգրին, շողոքորթելով ու շոյելով հարցրեց, թե ուրիշ բան էլ երևացե՞լ է աչքին։ Նեգրը վեր կացավ, թարթեց աչքերը, նայեց շուրջը ու ասաց․
 +
 +
― Միստր Սիդ, հիմա կասեք, թե ես հիմար եմ, բայց եթե աչքովս չեմ տեսել մեկ միլիոն շուն կամ սատանաներ կամ չգիտեմ թե ինչ, հենց այստեղ թող վայր ընկնեմ, մեռնեմ։ Աստված վկա, միստր Սիդ, տեսա, զգացի, սըր․ բոլորն ինձ վրա էին գալիս։ Ա՜խ, թե մեկը ձեռքս ընկներ, մի կախարդ, թեկուզ մի անգամ, այն ժամանակ ցույց կտայի։ Բայց ամենալավն այն կլիներ, որ դրանք ինձ հանգիստ թողնեն, ուրիշ բան չէի ուզի։
 +
 +
Թոմն ասաց․
 +
 +
― Լավ, ասեմ, թե ես ինչ եմ մտածում։ Ի՞նչն է ստիպում նրանց գալ այստեղ, այս փախած նեգրի հենց նախաճաշի ժամանակ։ Պատճառը պարզ է․ սոված են։ Դու պետք է կախարդված կարկանդակ պատրաստես նրանց համար, ուրիշ ոչինչ պետք չէ։
 +
 +
― Բայց աստվա՜ծ իմ, միստր Սիդ, ինչպե՞ս պատրաստեմ կախարդված կարկանդակ․ չգիտեմ ինչպես թխեմ։ Այդպիսի կարկանդակի մասին չեմ լսել։
 +
 +
― Լավ, այդ դեպքում ես ստիպված եմ ինքս պատրաստել։
 +
 +
― Կանե՞ս, անուշիկս, կանե՞ս։ Ես քո ոտքերի տակի հողը կհամբուրեմ։
 +
 +
― Շատ լավ, կանեմ, քեզ համար․ դու բարի ես եղել մեր նկատմամբ, մեզ ցույց ես տվել փախած նեգրին։ Բայց պետք է շատ զգույշ լինես։ Երբ մենք այստեղ գանք, դու թիկունքդ դարձրու մեզ և ինչ֊որ դնենք Ջիմի տապակի մեջ, չնայես։ Երբ Ջիմը դատարկի տապակը, նույնպես չնայես, թե չէ ո՞վ գիտե, թե ինչ կարող է պատահել։ Իսկ ամենակարևորն այն է, որ կախարդված բաներին ձեռք չտաս։
 +
 +
― Ձեռք տա՜լ, միստր Սիդ։ Ինչե՞ր եք ասում․ մատս էլ չեմ դիպցնի, թեկուզ հարյուր, հազար, միլիարդ դոլար տան։
 +
 +
 +
==Գլուխ երեսունյոթերորդ==
 +
 +
 +
Գործը գլուխ եկավ։ Մենք դուրս եկանք, գնացինք դեպի բակի ետևում դիզված աղբակույտը, ուր նետում էին կոշիկներ, ցնցոտիներ, շշի կտորներ և թիթեղյա հնացած, մաշված իրեր ու նման բաներ։ Դես֊դեն ընկանք, գտանք թիթեղյա մի հին թաս և ինչքան կարող էինք անցքերը փակեցինք, որպեսզի դրա մեջ կարկանդակ եփենք։ Թասը տարանք մառան, լցրիք ալյուրով ու գնացինք նախաճաշի։ Ճանապարհին երկու մեխ գտանք, և Թոմն ասաց, որ դրանք բանտարկյալին պետք կգան։ Դրանով նա իր անունը կփորագրի բանտի պատերին և կգրի իր տանջանքների մասին։ Եվ մենք դրանից մեկը գցեցինք մորաքույր Սալլիի՝ աթոռին գցած գոգնոցի գրպանը, մյուսն էլ ամրացրինք հորեղբայր Սայլասի՝ սեղանին դրված գլխարկի ժապավենի վրա։ Երեխաներից լսել էինք, որ ամուսիններն այս առավոտ գնալու են փախած նեգրի մոտ։ Այնուհետև գնացինք նախաճաշի։ Թոմն անագի գդալը գցեց հորեղբայր Սայլասի գրպանը։ Մորաքույր Սալլին դեռ չէր եկել, և մենք ստիպված եղանք մի փոքր սպասել։
 +
 +
Սալլին եկավ կարմրած, բարկացած ու վրդովված։ Չէր կարողանում համբերել մինչև սեղանի բարեմաղթումը։ Մի ձեռքով սուրճ էր լցնում, իսկ մյուս ձեռքի մատներով անընդհատ դմբացնում էր ամենամոտիկ երեխայի գլխին։ Հետո էլ թե․
 +
 +
― Ես նայեցի վեր, վար, և զարմանալի է, թե ի՛նչ եղավ քո մյուս շապիկը։
 +
 +
Սիրտս կուչ եկավ։ Եգիպտացորենի հացի կողինձը կուլ տալիս հազացի, և այն դուրս թռավ, անցավ սենյակի վրայով ու ընկավ երեխաներից մեկի աչքը։ Երեխան կծկվեց, ինչպես որդը ձկնորսի կարթի վրա, և բարձրացրեց ահավոր մի վայնասուն։ Թոմն էլ կապտել էր, ինչպես ձկան խռիկի շուրջը։ Մեր դրությունը մոտավորապես քառորդ րոպե աննախանձելի էր։ Բայց դրանից հետո ամեն ինչ խաղաղվեց։ Անսպասելիությունից էր, որ այդպես ցնցվեցին։ Հորեղբայր Սայլասն ասաց․
 +
 +
― Զարմանալի է, ոչինչ չեմ հասկանում։ Շատ լավ հիշում եմ․ շապիկս հանեցի, որովհետև․․․
 +
 +
― Որովհետև դու միայն մեկ շապիկ ես հագնում։ Ես գիտեմ, որ հանեցիր և ավելի լավ գիտեմ, քան դու, ցրվա՛ծ։ Երեկ շապիկդ չորանում էր պարանի վրա, ինքս եմ տեսել։ Բայց այժմ չկա ու վերջ։ Պետք է հագնես կարմիր ֆլանելե շապիկը, մինչև ես ժամանակ ունենամ մի նորը կարելու։ Դա երրորդը կլինի այս երկու տարում։ Ինչպիսի՜ ջանքեր են հարկավոր, որպեսզի դու վրադ միշտ շապիկ ունենաս։ Չեմ հասկանում, թե ինչ ես անում շապիկները։ Այդ տարիքում մարդ պիտի որոշ չափով խնայի իր սպիտակեղենը։
 +
 +
― Գիտեմ, Սալլի։ Կարողացածիս չափ խնայում եմ։ Բայց դա չի կարող միայն իմ մեղքը լինել։ Դու գիտես, որ ես շապիկները տեսնում եմ, երբ հագիս են լինում, և չեմ կարծում, թե շորը վրայիցս թռչում, կորչում է։
 +
 +
― Այո, այս անգամ դու մեղավոր չես, Սայլաս, բայց կկորցնեիր, եթե կարողանայիր։ Գիտես, որ մենակ շապիկը չի կորել։ Մի գդալ էլ չկա, և բանը դրանով էլ չի վերջանում։ Տասը գդալ կար, և մնացել է ինը։ Ասենք թե շապիկը հորթն է տարել, բայց հորթը գդալ չի տանի։ Այդ մասին կասկած լինել չի կարող։
 +
 +
― Էլ ի՞նչ է կորել, Սալլի։
 +
 +
― Վեց մոմ, այ թե ինչ։ Առնետները կարող են տարած լինել և, հավանաբար, նրանք էլ տարել են։ Զարմանում եմ, որ ամբողջ տունը չեն տանում։ Դու միշտ խոստանում ես փակել դրանց բները, բայց չես փակում։ Եթե առնետները հիմար չլինեին, քո մազերի մեջ կքնեին, Սայլաս, և դու երբեք չէիր իմանա։ Բայց գիտեմ, որ գդալի կորչելը չես կարող նրանց վերագրել։
 +
 +
― Լավ, Սալլի, մեղավոր եմ և ընդունում եմ։ Ես անհոգ եմ եղել, բայց վաղն անպայման կփակեմ այդ անցքերը։
 +
 +
― Օ՜, եթե քո տեղը լինեի, չէի շտապի, կհետաձգեի եկող տարվան․․․ Մաթիլդա Անջելինա Ֆելփս։
 +
 +
― Թրը՜խկ։
 +
 +
Նա մատնոցով հարվածեց երեխայի գլխին, և երեխան ձեռքը հեռու քաշեց շաքարամանից, վերջ տվեց չարությանը։ Այդ պահին նեգրուհին միջանցք եկավ ու ասաց․
 +
 +
― Միսիս, մի սավանը կորել է։
 +
 +
― Սավան է կորե՞լ։ Տե՜ր աստված։
 +
 +
― Անցքերն այսօր կփակեմ, ― ասաց հորեղբայր Սայլասը հուզված։
 +
 +
― Ձայնդ կտրի՛ր։ Ասենք թե առնետները տարան, բայց ո՞ւր տարան։ Ո՞ւր կորավ, Լիզա։
 +
 +
― Աստված վկա, միսիս Սալլի, չգիտեմ։ Երեկ պարանի վրա էր, իսկ այսօր չկա։
 +
 +
― Աշխարհի վերջը եկել է։ Կյանքումս այսպիսի բան չէի տեսել․․․ շապիկ, սավան, գդալ, վեց մոմ․․․
 +
 +
― Միսիս, ― լսվում է մի ջահել խառնածինի ձայնը, ― արույրե մի մոմակալ չկա։
 +
 +
― Կորի՛ր այստեղից, թե չէ ամանը գլխովդ կտամ։
 +
 +
Մորաքույր Սալլին զայրույթից իրեն կորցրել էր։ Ես ուզեցի ծլկել անտառ, մինչև այս փոթորիկը հանդարտվեր։ Մինչդեռ մորաքրոջ բարկությունը ավելի սաստկացավ։ Մյուսները լուռ ու խաղաղ սպասում էին։ Հանկարծ հորեղբայր Սայլասը շփոթված տեսքով գրպանից հանեց գդալը։ Մորաքույր Սալլին կանգ առավ՝ բերանը բաց, ձեռքերը վեր։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես կուզենայի Երուսաղեմում կամ մի այլ տեղ լինել։ Բայց դա երկար չտևեց, որովհետև մորաքույր Սալլին ասաց․
 +
 +
― Ես այդպես էլ գիտեի։ Դու ամբողջ ժամանակ գդալը գրպանումդ ես պահել։ Գուցե մյուս իրերն էլ այնտեղ են։ Ինչպե՞ս դա ընկավ քո գրպանը։
 +
 +
― Չգիտեմ, Սալլի, ― ասաց նա մի տեսակ անմեղ եղանակով, ― իմանայի, կասեի։ Ես նախաճաշից առաջ Կտակարանն էի սերտում, տասնյոթերորդ գլուխը։ Երևի գրքի փոխարեն դա եմ դրել գրպանս։ Պետք է որ այդպես էլ եղած լինի, որովհետև Կտակարանը գրպանումս չէ։ Բայց գնամ, ստուգեմ։ Եթե Կտակարանը իր տեղում է, ուրեմն՝ գրպանս չեմ դրել․ Կտակարանը այնտեղ եմ թողել և փոխարենը գդալն եմ դրել և․․․
 +
 +
― Օ՜, ի սե՛ր աստծո, հանգի՛ստ թող ինձ։ Բոլորդ հեռացե՛ք և աչքիս չերևաք, մինչև հանգստանամ։
 +
 +
Ես նրան կլսեի, եթե նա նույնիսկ ինքն իրեն խոսեր և ոչ այդպես բղավեր։ Եթե նույնիսկ մեռած էլ լինեի, վեր կկենայի, կհնազանդվեի։ Մինչ մենք անցնում էինք հյուրասենյակով, ծերունին վերցրեց գլխարկը, և մեխն այնտեղից ընկավ հատակին։ Նա վերցրեց այն, դրեց բուխարու դարակին, առանց մի բան ասելու և դուրս գնաց։ Թոմը տեսավ և, հիշելով գդալը, ասաց․
 +
 +
― Լավ, անիմաստ է այսուհետև իրերը նրա միջոցով ուղարկելը։ Դա հուսալի միջոց չէ։ ― Ապա ավելացրեց, ― բայց նա մեզ մեծ ծառայություն մատուցեց գդալի խնդրում, առանց իմանալու։ Մենք պետք է գնանք և առանց նրա գիտության փակենք առնետների բները։
 +
 +
Ներքևում՝ մառանում, բավական շատ անցքեր կային, և փակելու համար հարկ եղավ մի ամբողջ ժամ չարչարվել։ Մենք այդ գործը շատ լավ գլուխ բերինք։ Շուտով աստիճանների վրայից ոտնաձայն լսեցինք, լույսը հանգցրինք և թաքնվեցինք։ Ներս մտավ ծերունին, մի ձեռքով բռնած մի մոմ, մյուս ձեռքով՝ մի կապոց։ Այնպես մտացրիվ էր երևում, որ կարծես երազում լիներ։ Մի պտույտ կատարեց, նախ մոտեցավ բներից մեկին, ապա երկրորդին, երրորդին, մինչև աչքի անցկացրեց բոլորը։ Հինգ րոպե կանգ առավ, պոկեց մոմի պատրույգի այրված մասը, դանդաղ ու երազկոտ՝ շուռ եկավ դեպի աստիճաններն ու ասաց․
 +
 +
― Կյանքս վկա, չեմ կարող հիշել, թե երբ եմ փակել դրանք, այժմ կարող եմ Սալլիին ցույց տալ, որ առնետների պատճառով պետք չէր ինձ մեղադրել։ Բայց ոչինչ, թող այդպես լինի։ Միևնույն է, դրանից բան դուրս չէր գա։
 +
 +
Նա քրթմնջալով բարձրացավ վերևի հարկը։ Նրա ետևից մենք դուրս եկանք թաքստոցից։ Նա սքանչելի ծերուկ էր։
 +
 +
Թոմը շատ էր անհանգստանում գդալի համար և ասում էր, որ պետք է մի հատ ճարել։ Սկսեց մտածել այդ մասին։ Երբ արդեն լուծել էր այդ խնդիրը, հայտնեց, թե ինչ ենք անելու։ Գնացինք դեպի գդալների կողովն ու սպասեցինք մինչև մորաքույր Սալլիի գալը։ Թոմն սկսեց գդալները հաշվել ու շարել։ Հենց այդ ժամանակ մեկը սահեցրեց իմ թևի մեջ ու ասաց․
 +
 +
― Մորաքույր Սալլի, գիտե՞ք, այստեղ ինը գդալ կա։
 +
 +
Մորաքույր Սալլին պատասխանեց․
 +
 +
― Գնա խաղդ խաղա և ինձ մի՛ ձանձրացնի։ Ես շատ լավ գիտեմ, քանի հատ է․ ինքս եմ հաշվել։
 +
 +
― Երկու անգամ հաշվեցի, մորաքույր։ Դարձյալ ինը հատ են։
 +
 +
Մորաքրոջ համբերությունն սպառվեց, բայց և այնպես նա եկավ հաշվելու։ Ով լիներ նրա տեղը, կգար։
 +
 +
― Աստվա՜ծ իմ, իսկապես ինը հատ են, ― բացականչեց նա, ― այս ի՞նչ է․․․ Կորչեն բոլորն էլ։ Մի նորից հաշվեմ։
 +
 +
Ես իմ մոտի եղածը սահեցրի ներքև՝ գդալների մեջ, և երբ հաշվեց, ասաց․
 +
 +
― Կորչեն այդ անպետք գդալները, նորից տասն են, ― և նա նեղացած, զայրացած տեսք ընդունեց։ Բայց Թոմն ասաց․
 +
 +
― Ի՞նչ եք ասում, մորաքույր, այստեղ տասը հատ չկա։
 +
 +
― Ա՛յ ապուշ, չտեսա՞ր, երբ հաշվում էի։
 +
 +
― Գիտեմ, բայց․․․
 +
 +
― Լավ, նորից կհաշվեմ։
 +
 +
Եվ ես մի հատ թռցրի, ու այնտեղ նորից մնաց ինը հատ, ինչպես առաջ։ Մորաքույրն այնպես զայրացավ, որ ամբողջ մարմնով դողում էր։ Այնպե՜ս կատաղեց։ Նա հաշվեց ու հաշվեց, մինչև այնքան շփոթվեց, որ երբեմն էլ կողովն էր գդալի տեղ հաշվում։ Մի երեք անգամ գդալների թիվը ճիշտ դուրս եկավ, երեք անգամ՝ սխալ։ Նա կողովը շպրտեց մինչև սենյակի մյուս ծայրը։ Մի հարված էլ կատուն ստացավ։ Հետո դարձավ մեզ և հրամայեց «մաքրվել», իրեն հանգիստ թողնել։ Ասաց, որ եթե մինչև ճաշ գանք և իրեն նեղացնենք, մեզ կմաշկի։ Թռցրինք չարաբաստիկ գդալը և գցեցինք նրա գոգնոցի գրպանը, երբ նա մեզ նախատում էր։ Ջիմը դեռ կեսօր չեղած դա ստացավ, ինչպես և մեխը։ Մենք մեր արածից շատ գոհ մնացինք։ Թոմն ասաց, թե դա իր պատճառած նեղությունից երկու անգամ ավելին արժե, որովհետև մորաքույրն այսուհետև երբեք չի կարողանա գդալները հաշվել այնպես, որ երկու անգամ նույն թիվը ստացվի, նույնիսկ ճիշտ էլ հաշվի, չի հավատա։ Եթե մի երեք օր էլ հաշվի, բոլորովին կկորցնի իրեն, ձեռ կքաշի դրանից և կուզենա սպանել այն մարդուն, որն կառաջարկի իրեն գդալները հաշվել։ Այդ երեկո մենք սավանը նորից փռեցինք իր տեղը, պարանի վրա, և պահարանից մի ուրիշը գողացանք։ Երկու օր շարունակ դնում էինք տեղն ու վերցնում, մինչև մորաքույրը հաշիվը կորցրեց, չգիտեր, թե քանի սավան ունի, և ասում էր, որ դա իր համար միևնույն է, դրա համար իր հոգու հանգիստը չի կորցնի և մեռնի էլ, այլևս չի հաշվի։
 +
 +
Այսպիսով, շապկի, սավանի, գդալի, մոմի հարցը լուծված էր։ Մեզ օգնեցին հորթը, առնետները, ինչպես և խառնաշփոթ հաշվումները։ Ինչ վերաբերում է մոմակալին, դա այնքան էլ կարևոր չէր։ Շուտով այդ էլ կմոռացվեր։
 +
 +
Բայց կարկանդակ թխելը կատակ չէր։ Ուղղակի տանջվեցինք։ Խմոր հունցեցինք անտառում, այնտեղ էլ թխեցինք։ Ի վերջո, կարկանդակն ստացվեց և այն էլ շատ հաջող։ Բայց այդ բոլորը մեկ օրում չկատարվեց։ Մենք ստիպված եղանք օգտագործել երեք թաս լիքը ալյուր, մինչև կարողացանք գործը գլուխ բերել։ Ձեռքներս մի քանի անգամ այրեցինք և աչքներս էլ ծխից կուրացրինք։ Մեզ միայն կեղևն էր պետք, բայց չէինք կարողանում այնպես անել, որ կարկանդակն ուռած լիներ։ Մեջտեղը միշտ փոս էր ընկնում։ Վերջապես դրա հնարը գտանք։ Սանդուղքը պետք է դնեինք խմորի մեջ և միասին եփեինք։ Երկրորդ գիշերը նստեցինք Ջիմի հետ և սավանը պատառոտեցինք, վեր ածեցինք թելերի և այնպես ոլորեցինք իրար հետ, որ դեռ լույսը չբացված հրաշալի պարանը պատրաստ էր՝ այնքան ամուր, որ կարելի էր նույնիսկ մարդ կախել։ Մենք երևակայեցինք, թե դա պատրաստելու համար վատնել ենք ինը ամիս։
 +
 +
Կեսօրից առաջ մենք պարանը տարանք անտառ, բայց կարկանդակի մեջ չտեղավորվեց։ Քանի որ պատրաստել էինք մի ամբողջ սավանից, տեղավորելու համար, երևի, մի քառասուն կարկանդակ էր պետք։ Եթե ցանկանայինք, դեռ ահագին էլ կմնար սուպի, երշիկի, կամ որևէ այլ ուտելիքի համար։ Կարող էինք դրանից մի ամբողջ ճաշ պատրաստել։ Բայց դրա կարիքը չունեինք։ Մեզ հարկավոր էր միայն այնքան, որ տեղավորվեր մի կարկանդակի մեջ։ Մնացածը դեն գցեցինք։ Լվացվելու թասի մեջ կարկանդակ չեփեցինք։ Վախենում էինք ներկը թափվի։ Բայց հորեղբայր Սայլասն արույրե մի լավ տապակ ուներ՝ փայտե կոթով։ Վրան դողում էր։ Դա ժառանգել էր իր պապից, որը բերել էր Անգլիայից Վիհլեմ Աշխարհակալի<ref>Այստեղ Հեքը սովորականի նման շփոթում է ժամանակները․ Վիլհելմ Աշխարհակալը Նորմանդիայի դուքսն էր, XI դարում։ Նա նվաճեց Անգլիան (1066 թ․)։</ref> հետ «Մայիսյան ծաղիկ»<ref>«Մաիսյան ծաղիկ ― նավ, որով XVII դարի սկզբին նավարկեցին Ամերիկա։</ref> նավով կամ առաջին նավերից մեկով։ Այլ թանկարժեք հին իրերի հետ նա այդ տապակը թաքցրել էր ձեղնահարկում։
 +
 +
Դրանք թանկ էին ոչ թե նրա համար, որ բարձր գին տվող կար։ Ոչ։ Այդ տեսակետից ոչինչ չարժեին։ Թանկ էին որպես հիշատակ։ Մենք տապակը թռցրինք ու տարանք անտառ։ Առաջին կարկանդակները հաջող չստացվեցին, որովհետև թխել չգիտեինք, բայց վերջինը շատ լավ էր։ Տապակի ներսը խմոր քսեցինք, ապա դրինք կրակին։ Մեջը տեղավորեցինք կտորներից հյուսած պարանը, վրան լցրինք խմոր և փակեցինք կափարիչը։ Կրակը թեժացրինք հինգ ոտնաչափ հեռու՝ փայտե հարմար ու սառը կոթը բռնած։ Տասնհինգ րոպեից հետո մեր կարկանդակը պատրաստ էր։ Նայողը կհիանար։ Բայց ուտողը պետք է ձեռքի տակ տասնյակ ատամնափորիչներ ունենար, որովհետև եթե այդ պարանե սանդուղքից նա չջղաձգվեր, ուրեմն՝ ես ոչինչ չեմ հասկանում։ Դա ստամոքսի այնպիսի ցավ կառաջացներ, որ երբեք չէր մոռանա։
 +
 +
Նաթը չնայեց, երբ կախարդված կարկանդակը դրինք Ջիմի տապակի մեջ։ Տապակի հատակին կերակուրի տակ դրինք երեք ափսե։ Այսպիսով Ջիմն ամեն ինչ ձեռք բերեց բարեհաջող կերպով։ Երբ ոչ ոք չկար իր մոտ, նա կոտրեց կարկանդակը և պարանի աստիճանները թաքցրեց ծղոտե ներքնակի մեջ, իսկ թիթեղյա ափսեի վրա մի քանի խազեր քաշելով՝ վերջինս դուրս նետեց պատուհանի անցքից։
 +
 +
 +
==Գլուխ երեսունութերորդ==
 +
 +
 +
Գրիչներ պատրաստելը տանջալից, դժվար գործ էր։ Նույնը կարելի է ասել սղոցի մասին։ Իսկ Ջիմը վախենում էր, թե մակագրությունն ամենադժվարը կլինի։ Մակագրությունները պատի վրա բանտարկյալի արած խզբզոցներն են։ Ջիմը ստիպված էր դա անել։ Թոմն ասում էր, թե պարտավոր է անել։ Դեռ չէր եղել այնպիսի դեպք, որ պետական հանցագործն իր մակագրությունները չթողներ պատի վրա, ինչպես և զինանշանը։
 +
 +
― Վերցրու լեդի Ջեյն Գրեյին, ― ասաց Թոմը։ ― Գիլֆորդ Դեդլիին կամ ծեր Նորթումբերլենդին։ Ի՞նչ անենք, Հեք, ենթադրենք թե նեղությունը մեծ է։ Ի՞նչ կարող ես անել։ Ինչպե՞ս ես հաղթանակի տանելու։ Ջիմը պետք է այդ մակագրությունն անի, ինչպես և զինանշանը։ Բոլորն էլ անում են։
 +
 +
Ջիմն ասաց․
 +
 +
― Միստր Թոմ, չէ՞ որ ես զինանշան չունեմ, բացի ափսեից ու հին շապկից ոչինչ չունեմ, և դուք գիտեք, որ շապիկը օրագրության համար է։
 +
 +
― Օ՜, չես հասկանում, Ջիմ, զինանշանը բոլորովին ուրիշ բան է։
 +
 +
― Համենայն դեպս, ― ասացի ես, ― Ջիմն իրավացի է, երբ ասում է, թե զինանշան չունի, և իսկապես չունի։
 +
 +
― Կարծեմ, ես էլ գիտեմ, ― ասաց Թոմը, ― բայց կարող ես հավատալ, որ նա զինանշան կունենա նախքան այստեղից դուրս գալը։ Նա փախչելու է, իսկ թերի արձանագրությամբ փախչել հնարավոր չէ։
 +
 +
Մինչ ես ու Ջիմն աղյուսի վրա սրում էինք գրիչները (Ջիմն արույրից էր պատրաստում, իսկ ես՝ գդալից), Թոմը մտածում էր զինանշանի մասին։ Շուտով նա հայտնեց, որ ինքն այնքան լավ զինանշաններ է վերհիշել, որ չգիտե, թե ո՛րն ընտրի։ Բայց կար մեկը, որի վրա կանգ էր առել։ Նա ասաց․
 +
 +
― Մենք զինանշանի վահանի աջ կողմի վրա ունենալու ենք ոսկի գոտի, զինանշանի կենտրոնում՝ մուգ կարմիր շեղախաչ, մի շուն՝ պառկած և գլուխը բարձրացրած, որը նշան է սպառնացող վտանգի, թաթի տակ՝ կեռիկներով զարդարված մի շղթա՝ որպես ստրկության նշան, ատամնավոր եզրերով կանաչ ժապավեն, երեք կոր գիծ՝ երկնագույն դաշտում, իսկ մեջտեղում վահան՝ զինանշան, ատամնավոր եզրերով։ Վերևում՝ փախչող, սևաթույր մի նեգր, կապոցն ուսին, չարաշուք ծովի եզրին և երկու կարմիր հենարան, որոնք կներկայացնենք քեզ և ինձ․ նշանաբանը կլինի․ «Maggiore fretta ― minore atto»։ Ես դա գրքից եմ վերցրել և նշանակում է․ «Շատ շտապես, ուշ տեղ կհասնես»։
 +
 +
― Լավ է, ― ասացի ես, ― բայց մնացա՞ծն ինչ է նշանակում։
 +
 +
― Մենք ժամանակ չունենք դրա համար անհանգստանալու, ― պատասխանեց նա, ― մենք պետք է շուտ վերջացնենք և դուրս գանք այստեղից։
 +
 +
― Լավ, ― ասացի ես, ― գոնե ասա, ինչ է նշանակում զինանշանի կենտրոն։
 +
 +
― Զինանշանի կենտրոն․․․ կենտրոն․․․ կարիք չկա իմանալ։ Երբ բանը դրան հասնի, ես Ջիմին ցույց կտամ, թե դա ինչպես պատրաստի։
 +
 +
― Դատարկ բան ես խոսում, Թոմ․ մի՞թե չես կարող ասել, թե ինչ է դա։ Իսկ ի՞նչ բան է «չարաշուք ծով»։
 +
 +
― Չգիտեմ։ Բայց Ջիմը պետք է այդ բաները պատրաստի։ Բոլոր ազնվականների մոտ էլ դա կա։
 +
 +
Նա այդպիսի տղա էր։ Եթե չէր ուզում մի բան բացատրել, չէր բացատրի։ Թեկուզ մեկ շաբաթ փորձես դուրս կորզել գաղտնիքը, միևնույն է, իզուր է։
 +
 +
Կարգի բերելով զինանշանի հարցը, նա անցավ մնացածին։ Ուզում էր հնարել սրտաճմլիկ մի մակագրություն։ Ասում էր, որ Ջիմը պետք է այդ մակագրությունն անի, ինչպես արել են բոլորը։ Նա մի շարք մակագրություններ հորինեց, գրեց թղթի վրա ու կարդաց․
 +
 +
«1. Այստեղ փշրվեց գերված մի սիրտ։
 +
 +
2. Այստեղ մի խեղճ բանտարկյալ, լքված աշխարհից ու բարեկամներից, քարշ տվեց իր տխուր գոյությունը։
 +
 +
3. Այստեղ խորտակվեց մենավոր մի սիրտ․ հոգնած մի հոգի հանգստի գնաց երեսունյոթ տարվա բանտարկությունից հետո։
 +
 +
4. Այստեղ երեսունյոթ տարվա դառը բանտարկությունից հետո կորավ լքված ու անտուն, օտարերկրացի մի ազնվական՝ Լյուդովիկոս XIV-ի ապօրինի որդին»։
 +
 +
Թոմի ձայնը դուղում էր, երբ կարդում էր դրանք, և քիչ էր մնում լաց լինի։ Երբ վերջացրեց, ոչ մի կերպ չէր կարող որոշել, թե դրանցից ո՛րը Ջիմը պիտի մեխով փորագրի պատի վրա։ Բոլորն անչափ լավ էին։ Վերջիվերջո որոշեց, որ դրանք բոլորն էլ փորագրի պատի վրա։ Ջիմն ասում էր, թե մեխով այդքանը գերանի վրա փորագրելը մեկ տարի կտևի, բացի այդ, ինքը տառերը գրել չգիտե։ Բայց Թոմն ասաց, որ նա ինքը մատիտով կգրի, և նրան այնուհետև ոչինչ չի մնա, բացի գծերը խորացնելուց։ Հետո էլ թե․
 +
 +
― Եկեք մտածենք, գերանները հարմար չեն․ բանտի պատերը փայտից չեն շինում։ Մենք պետք է փորագրությունը քարի վրա անենք։ Մի քար բերենք այստեղ։
 +
 +
Ջիմն ասաց, որ քարը կոճղից վատ է։ Ասաց, որ քարի վրա փորագրելը շատ ժամանակ կխլի, և ինքը երբեք դուրս չի գա այստեղից։ Բայց Թոմն ասաց, որ ինձ թույլ կտա օգնեմ։ Ապա նայեց, թե ես ու Ջիմն ինչպես ենք գրիչներ պատրաստում։ Դա չափազանց ձանձրալի, ծանր ու դանդաղ առաջ շարժվող գործ էր։ Ձեռքերիս վերքերը դեռ չէին լավացել, և գործն առաջ չէր գնում։ Թոմն ասաց․
 +
 +
― Ես գիտեմ, ինչպես գլուխ բերել այս գործը։ Մենք պետք է մի քար բերենք զինանշանի և ողբալի մակագրությունների համար։ Սղոցարանի մոտ կա մի մեծ, գեղեցիկ ջրաղացքար։ Դա քարշ կտանք այստեղ և վրան կփորագրենք մակագրությունները։ Գրիչներն ու սղոցն էլ կսրենք։ Այդպես մեկ քարով երկու թռչուն սպանած կլինենք։
 +
 +
Դա վատ միտք չէր, ոչ էլ քարն էր վատ։
 +
 +
Որոշեցինք քարշ տալ այդ քարը։ Դեռ կեսգիշեր չկար։ Գնացինք բերելու, Ջիմին թողնելով, որ աշխատի։ Մենք քարշ տվինք քարը և սկսեցինք գլորել դեպի տուն, բայց դա դժոխային չարչարանք էր։ Երբեմն, չնայած մեր բոլոր ջանքերին ոչ մի կերպ չէինք կարողանում այնպես պահել, որ վայր չընկներ և ամեն անգամ ընկնելիս քիչ էր մնում մեզ ճզմեր։ Թոմն ասաց, թե մինչև տուն տանելը մեզանից մեկն ու մեկին կճզմի։ Ճանապարհի կեսն անցանք, բայց կատարյալ ուժասպառ եղանք, քրտինքի մեջ կորանք։ Տեսանք, որ անօգուտ է, երկուսով չենք կարող, ստիպված եղանք գնալ, կանչել Ջիմին։ Նա բարձրացրեց մահճակալի ոտը, շղթան սահեց, վայր ընկավ, ապա այն փաթաթեց վզի շուրջը, և մենք դուրս սողացինք մեր բացած անցքից։ Ջիմն ու ես կպանք քարին, գլորեցինք, ինչպես փայտե անիվ, իսկ Թոմը կարգադրություններ էր անում։ Ավելի լավ կարգադրող տղա ես իմ կյանքում չեմ տեսել։ Ամեն ինչից խելքը հասնում էր։
 +
 +
Մեր բաց արած անցքը բավական մեծ էր, բայց ոչ այնքան, որ ջրաղացքարը միջից անցներ։ Ջիմը շուտով վերցրեց քլունգը և ինչքան պետք էր լայնացրեց։ Ապա Թոմը քարի վրա մեխով մակագրություններ արեց և Ջիմին պատվիրեց աշխատել դրանց վրա։ Որպես դուր Ջիմը պետք է օգտագործեր մեխը, կողքի տնակում թափված անպետք իրերի միջից բերած երկաթի կտորն էլ՝ որպես մուրճ։ Թոմը պատվիրեց աշխատել մինչև մոմը վառվի և վերջանա։ Հետո Ջիմը կարող էր պառկել, քարն էլ թաքցնել ծղոտե ներքնակի տակ ու քնել վրան։ Մենք օգնեցինք Ջիմին, շղթան անցկացրինք մահճակալի ոտքին և ինքներս էլ պատրաստվեցինք անկողին մտնել։ Բայց Թոմը հանկարծ ինչ֊որ բան հիշեց․
 +
 +
― Այստեղ սարդեր կա՞ն, Ջիմ։
 +
 +
― Ոչ, սըր, փառք աստծո, չկան, միստր Թոմ։
 +
 +
― Շատ լավ, մի քանի հատ կճարենք։
 +
 +
― Բայց աստված օրհնի ձեզ, քաղցրիկս, ինչի՞ս են պետք։ Ես սարդերից վախենում եմ։ Ավելի շուտ կուզենայի բոժոժավոր օձեր։
 +
 +
Թոմը մեկ֊երկու րոպե մտածեց և ապա ասաց․
 +
 +
― Լավ միտք է։ Պետք է իրականացնել։ Կարծես առաջ այդպիսի բան արել եմ։ Խելքի մոտ բան է։ Այո, դա լավ միտք է։ Որտե՞ղ կարող ես պահել։
 +
 +
― Ի՞նչը պահեմ, միստր Թոմ։
 +
 +
― Չասացի՞ք բոժոժավոր օձեր։
 +
 +
― Ողորմա՜ծ աստված։ Միստր Թոմ, եթե այստեղ բոժոժավոր օձ գա, ես գլուխս հենց այս պատին կտամ կամ կփախչեմ։
 +
 +
― Ինչո՞ւ, Ջիմ, կարճ ժամանակից հետո այլևս չես վախենա, կարող ես ընտելացնել։
 +
 +
― Ընտելացնե՞լ։
 +
 +
― Այո, շատ հեշտ։ Ամեն մի կենդանի, եթե բարի լինեն նրա հանդեպ, փաղաքշեն, երախտապարտ կմնա և չի մտածի վնաս տալ այն մարդուն, ով գուրգուրում է իրեն։ Ուզածդ գրքում այդ մասին գրված կա։ Փորձիր, խնդրում եմ, փորձիր երկու֊երեք օր։ Դու կարող ես այնպես վարժեցնել, որ կարճ ժամանակից հետո օձը քեզ սիրի, քնի քեզ հետ, ոչ մի րոպե չհեռանա քեզանից, թողնի, որ իրեն փաթաթես վզիդ շուրջը և գլուխը դնես բերանիդ մեջ։
 +
 +
― Խնդրում եմ, միստր Թոմ, այդպես մի՛ խոսեք։ Չեմ կարող նույնիսկ լսել։ Նա թույլ կտա, որ գլուխը բերանս դնեմ որպես բարյացակամության նշան, այո՞։ Նա շա՜տ պիտի սպասի, մինչև խնդրեմ։ Չեմ էլ ուզում, որ օձն ինձ հետ քնի։
 +
 +
― Ջիմ, այդքան հիմար չեն լինի։ Բանտարկյալը պետք է որևէ մունջ մտերիմ էակ ունենա իր մոտ, և եթե մինչև այժմ բոժոժավոր օձ չեն փորձել, ապա որպես առաջին փորձող, դու ավելի մեծ փառք ու համբավ ձեռք կբերես, քան որևէ այլ ձևով, որ կարող ես հնարել՝ կյանքդ փրկելու համար։
 +
 +
― Բայց, միստր Թոմ, ես այդպիսի փառք չեմ ուզում։ Եթե օձը Ջիմի ծնոտը կծի, էլ փառքը նրա ինչի՞ն է պետք։ Ոչ, սըր, ես այդպիսի բան չեմ ուզում։
 +
 +
― Գրողը տանի, մի՞թե չես կարող փորձել։ Ես միայն ուզում եմ, որ փորձես։ Եթե չհաջողվի, ոչ ոք քեզ չի ստիպի օձ պահել։
 +
 +
― Բայց դժբախտությունն արդեն եկած կլինի, եթե հենց փորձելու ժամանակ նա ինձ խայթի։ Միստր Թոմ, ես համաձայն եմ անել ամեն ինչ, որը հարմար կգտնեք, բայց եթե դուք և Հեքը բոժոժավոր օձ բերեք այստեղ, որպեսզի ես ընտելացնեմ, ապա կփախչեմ, անպայման կփախչեմ։
 +
 +
― Լավ, թողնենք այդ, թողնենք, եթե դու այդքան բթամիտ ես։ Այդ դեպքում կբերենք մի քանի լորտու։ Պոչերին մի քանի կոճակ կկապես և կերևակայես, թե բոժոժավոր օձեր են։ Կարծում եմ՝ սա հնարավոր է։
 +
 +
― Լորտուները ոչինչ, միստր Թոմ, բայց մի՞թե առանց դրանց հնարավոր չէ․․․ Ես երբեք չէի լսել, որ բանտարկյալ լինելն այսքան ձանձրալի է, այսքան տանջալի։
 +
 +
― Միշտ էլ այդպես է լինում, երբ պահպանում ես բոլոր կանոնները։ Այստեղ առնետներ կա՞ն։
 +
 +
― Ոչ, սըր, ոչ մի հատ չեմ տեսել։
 +
 +
― Լավ, այդ դեպքում մի քանի առնետ կճարենք։
 +
 +
― Միստր Թոմ, ես առնետ չեմ ուզում։ Դրանք մարդկանց խանգարելու տեսակետից ամենաանիծված արարածներն են․ վազում են մարդու վրա, կծում ոտքը, երբ ուզում է քնել։ Ո՛չ, սըր, այդ դեպքում ինձ լորտուներ տվեք, եթե անպայման անհրաժեշտ են, բայց առնետ պետք չէ։ Ես դրանց կարիքը չունեմ։
 +
 +
― Բայց, Ջիմ, այդպես չի լինի։ Բոլորի մոտ էլ առնետներ են լինում։ Չեմուչեմ չանես։ Բանտարկյալները երբեք առանց առնետների չեն լինում։ Այդպիսի օրինակ չկա։ Եվ նրանք վարժեցնում են առնետներին, գուրգուրում են նրանց, սովորեցնում են աճապարություն։ Առնետները նույնքան ընկերասեր են դառնում, որքան ճանճերը։ Բայց դու էլ պարտավոր ես նրանց համար նվագել։ Որևէ գործիք ունե՞ս։
 +
 +
― Ես ոչինչ չունեմ, բացի մի կոպիտ սանրից, մի կտոր թղթից ու շրթհարմոնից։
 +
 +
― Ոչինչ, բավական է, նրանց համար նշանակություն չունի, թե ինչ տեսակի երաժշտություն է։ Առնետի համար շրթհարմոնը միանգամայն բավական է։ Բոլոր կենդանիները սիրում են երաժշտություն, իսկ բանտում ավելի շատ, հատկապես տխուր երաժշտություն։ Իսկ շրթհարմոնից երբեք ուրիշ ձայն դուրս չի գա։ Դա միշտ հետաքրքիր է նրանց համար։ Դուրս են գալիս տեսնելու, թե ինչ ես անում։ Այո, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ տեղին է։ Դու ամեն երեկո քնելուց առաջ, ինչպես և վաղ առավոտյան, պետք է նստես անկողմնուդ և նվագես։ Նվագելու ես «Վերջին կապը կտրված է»։ Այդ եղանակն առնետին ավելի դուր կգա, քան որևէ այլ բան։ Եվ երբ մեկ֊երկու րոպե նվագես, կտեսնես, որ բոլոր առնետները, օձերը, սարդերը և այլ արարածներ կհուզվեն, կհավաքվեն քո շուրջը։ Նրանք բոլորը կմագլցեն քեզ վրա և կուրախանան։
 +
 +
― Այո, կուրախանան, միստր Թոմ, իսկ ինչպե՞ս ուրախանա Ջիմը։ Անիծվեմ, թե ես կարողանամ տեսնել այդ բանը։ Բայց ես կանեմ, եթե պետք է։ Կարծում եմ, որ ավելի լավ է կենդանիներին զվարճացնեմ, քան թե իրարից նեղանանք։
 +
 +
Թոմը կանգ առավ այդ հարցի մասին նորից մտածելու և տեսնելու, թե ուրիշ բան չկա՞ անելու։ Շուտով նա ասաց․
 +
 +
― Օ՜, մի բան մոռացել եմ։ Կարո՞ղ ես այստեղ ծաղիկ աճեցնել, ի՞նչ ես կարծում։
 +
 +
― Չգիտեմ, գուցե կարողանամ, միստր Թոմ, բայց այստեղ շատ մութ է, և ես էլ սովոր չեմ ծաղիկներ խնամելու։ Բացի այդ, դա մեծ նեղություն կլինի։
 +
 +
― Համենայն դեպս, փորձիր։ Ուրիշ բանտարկյալներ նման բան արել են։
 +
 +
― Գուցե շան պոչի նման խռնդատն աճի այստեղ, միստր Թոմ, բայց դա իր պատճառած նեղության կեսն էլ չարժե։
 +
 +
― Դու այդ մասին մի՛ մտածիր։ Մենք մի փոքր ծաղիկ կբերենք, կտնկես անկյունում և կաճեցնես։ Բացի այդ, դու ծաղիկը կանվանես ոչ թե խանդոտ, այլ «պիչչիոլա»։<ref>Պիչչիոլա ― իտալերեն՝ ցողուն, ծաղիկ։</ref> Դրա իսկական անունն այդ է, երբ աճում է բանտում։ Պետք է արցունքներով ջրես։
 +
 +
― Ինչո՞ւ, միստր Թոմ, ես աղբյուրի ջուր շատ ունեմ։
 +
 +
― Դու չպիտի ցանկանաս աղբյուրի ջրով ջրել, պիտի արցունքներով ջրես։ Բանտարկյալները միշտ այդպես են անում։
 +
 +
― Ինչո՞ւ, միստր Թոմ, խռնդատի ցողունը ես կարող եմ աղբյուրի ջրով լավ աճեցնել, իսկ մի ուրիշը՝ արցունքով։
 +
 +
― Հարցն այդ չէ։ Դու պարտավոր ես արցունքով աճեցնել։
 +
 +
― Բայց դա կչորանա, միստր Թոմ, անպայման կչորանա, որովհետև ես շատ հազվադեպ եմ լաց լինում։
 +
 +
Թոմն այստեղ կանգ առավ։ Մտածեց, մտածեց և ասաց, որ Ջիմը արտասվելու համար պետք է սոխ գործածի։ Նա խոստացավ առավոտյան գնալ նեգրերի հյուղակները և թաքուն մի սոխ գցել Ջիմի սրճամանի մեջ։ Ջիմն ասաց, որ ավելի լավ է ծխախոտ լցնի սրճամանի մեջ։ Նա գտնում էր, որ սխալ բաներ ենք անում, և ինքը ձանձրացել է այդ բոլորից՝ և՛ բույս աճեցնել, և՛ առնետների համար նվագել, և՛ օձեր ու սարդեր փաղաքշել։ Այդ բոլորից բացի, նա պետք է գրչով մակագրություններ աներ, օրագիր պահեր և նման բաներ։ Նա ասաց, որ առանց այդ էլ, բանտարկյալ լինելը տաժանակիր գործ է, ավելի վատ, քան մինչև այժմ իր կատարած որևէ գործ, և դեռ պետք է այդ բոլորի համար պատասխանատու լինել։ Թոմը համբերությունը կորցրեց և ասաց, որ ինքը՝ Ջիմը հռչակ ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան աշխարհում որևէ այլ բանտարկյալ։ Ջիմը դա չի գնահատում, և ամեն ինչ կորչում է։ Ջիմը զղջաց իր տրտունջի համար և ասաց, որ նման բան այլևս չի անի։ Դրանից հետո Թոմն ու ես գնացինք քնելու։
 +
 +
 +
==Գլուխ երեսունիններորդ==
 +
 +
 +
Առավոտյան գնացինք գյուղ, գնեցինք մետաղալարից պատրաստած թակարդ, բերինք տուն։ Ներքնահարկում բաց արինք ամենամեծ բույնը և մոտ մեկ ժամում բռնեցինք տասնհինգ ընտիր առնետ։ Դրանք տարանք ու թաքցրինք ապահով մի տեղ՝ մորաքույր Սալլիի մահճակալի տակ։ Մինչ մենք գնացել էինք սարդեր հավաքելու, փոքրիկ Թոմաս Ֆրանկլին Ջեֆերսոն Ալեքսանդր Ֆելփսը գտել էր վանդակը և բաց արել դուռը, որպեսզի տեսներ, թե առնետները դուրս կգա՞ն։ Առնետները դուրս էին եկել։ Երբ մենք վերադարձանք, մորաքույր Սալլին կանգնել էր մահճակալի վրա և ամբողջ ուժով ճչում էր։ Իսկ առնետներն ամեն ինչ անում էին նրա աշխուժությունը չնվազեցնելու համար։ Նա ընկուզենու փայտով լավ ծեծեց մեզ, իսկ մենք երկու ժամ կորցրինք, մինչև նորից բռնեցինք տասնհինգ֊տասնվեց հատ։ Անիծվի այդ անտանելի լակոտը․ ամեն բանի խառնվում է։ Վերջին առնետները բանի նման չէին։ Առաջին անգամ բռնել էինք ամենաընտիրները։ Դրանց նման առնետներ երբեք չեմ տեսել։
 +
 +
Մենք ձեռք բերինք ընտիր սարդերի, բզեզների, գորտերի, թրթուրների և այլ միջատների հիանալի մի հավաքածու։ Փորձեցինք ձեռք բերել և պիծակների բույն, բայց չկարողացանք․ ներսում էին։ Հեշտությամբ ձեռք չքաշեցինք դրանից։ Երկար ժամանակ սպասեցինք, որ հոգնեցնենք, դուրս վռնդենք բնից, բայց նրանք մեզ վռնդեցին։ Անուշադրի սպիրտով շփեցինք կծած տեղերը, ցավը բավական մեղմացավ, բայց երկար ժամանակ հանգիստ նստել չէինք կարող։ Այնուհետև գնացինք օձ ճարելու։ Բռնեցինք մոտ տասնյակ լորտու և օձակերպ մողես, դրինք պարկի մեջ ու թաքցրինք սենյակում։ Արդեն ընթրիքի ժամանակ էր, և մենք բարեխղճորեն կատարել էինք մի լավ օրվա աշխատանք։ Գուցե քաղց էինք զգում, բայց ոչ, այդ մասին չխոսենք։ Կարևորն այն է, որ երբ վերադարձանք, ոչ մի օրհնված օձ պարկի մեջ չէր մնացել։ Պարկի բերանը լավ չէինք կապել, և նրանք դուրս էին սողացել ու ցրվել։ Բայց դա մեզ շատ չանհանգստացրեց․ պետք է որ մոտերքում լինեին։ Հույս ունեինք, որ գոնե մի քանիսին նորից կբռնենք։ Եվ, իրոք, երկար ժամանակ տան ներսում ու շրջակայքում դրանք չէին պակասում։ Հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես առաստաղից կամ մի տեղից կախվում էին ցած, ընկնում ափսեիդ մեջ, վզիդ և մեծ մասամբ այնպիսի տեղ, որ ցանկալի չէր։
 +
 +
Այդ օձերը գեղեցիկ էին, երիզավոր և եթե մեկ միլիոն էլ լինեին, ոչ ոքի վնաս չէին տա։ Բայց մորաքույր Սալլիի համար դա ոչ մի նշանակություն չուներ։ Նա օձերին ատում էր, ինչ տեսակի էլ որ լինեին, և ինչ էլ անեինք, դրանց տանել չէր կարող։ Ամեն անգամ, երբ օձն ընկնում էր նրա վրա, գործը թողած վեր էր թռչում։ Ես այդպիսի կին երբեք չեմ տեսել։ Այնպես էր գոռում, որ ձայնը կարելի էր լսել Երիկոնում։ Ոչ մի կերպ հնարավոր չէր ստիպել նրան, որ օձ բռնի, թեկուզ ունելիով։ Իսկ եթե շուռ գար ու մի օձ տեսներ անկողնում, այնպես կճչար, որ մարդիկ կկարծեին, թե տունը հրդեհ է ընկել։ Նա այնքան անհանգստացրեց ծերուկին, որ խեղճ մարդն ասաց․ «Երանի՜ աստված օձ չստեղծեր»։ Թեև վերջին օձն էլ արդեն հեռացել էր և մեկ շաբաթ էր անցել, բայց մորաքույր Սալլին դեռ չէր հանգստանում։ Միտք էլ չուներ հանգստանալու։ Երբ մտքերով տարված նստած էր լինում և մեկը վզին փետուր էր քսում, նա վեր էր թռչում։ Նման պահերին հետաքրքիր էր նայելը։ Թոմն ասում էր, որ բոլոր կանայք այդպես են։ Ասում էր, որ դրանք այդպես են ստեղծված։ Թե ինչո՛ւ, չես կարող իմանալ։
 +
 +
Ամեն անգամ, երբ մեր օձերը մորաքույր Սալլիի աչքովն էին ընկնում, ծեծ էինք ուտում։ Նա ասում էր, որ դա ոչինչ է՝ համեմատած այն պատիժների հետ, որ կտա մեզ, եթե մեկ էլ տունը լցնենք օձերով։ Այդ ծեծերի համար ես շատ չէի մտահոգվում․ դրանք մի բան չէին։ Ես մտածում էի, թե որքա՞ն պիտի տանջվենք մինչև նորից հավաքենք։ Բայց մենք հավաքեցինք դրանք էլ, ուրիշ կենդանիներ էլ։ Դուք երբեք տեսած չեք լինի մի տնակ, որտեղ այնքան աշխուժություն լիներ, ինչպես Ջիմի խցիկում, երբ այդ էակները խռնվում էին երաժշտության համար և վխտում նրա շուրջը։ Ջիմը սարդեր չէր սիրում, սարդերն էլ նրան չէին սիրում։ Սարդերն ամեն կողմից նեղացնում, բարկացնում էին նրան։ Ջիմն ասում էր, որ ջրաղացքարի, առնետների ու օձերի պատճառով այլևս տեղ չկա մահճակալի համար, իսկ եթե լինի էլ, այդ խառնաշփոթության մեջ հազիվ թե հնարավոր լինի քնել։ Այդ աշխուժությունը բոլորովին չէր պակասում, որովհետև երբեք բոլորը միաժամանակ չեն քնում։ Երբ օձերը քնած են, առնետներն են արթուն, երբ առնետներն են քնում, օձերն են արթուն։ Այնպես որ միշտ խառնիճաղանջ մի խումբ լինում է կողքին և թույլ չի տալիս ազատ պառկել, իսկ մյուսները նրա վրա ձիարշավի են դուրս գալիս, ինչպես կրկեսում։ Եվ երբ ինքը վեր է կենում մի նոր տեղ գտնելու, սարդերն են սկսում։ Ասում էր, որ եթե ինքը դուրս գա այստեղից, այլևս բանտարկյալ չի դառնա, թեկուզ բարձր աշխատավարձ տան։
 +
 +
Երեք շաբաթ անց ամեն ինչ կարգին էր։ Շապիկը, կարկանդակի մեջ դրած, վաղուց էինք տեղ հասցրել։ Եվ ամեն անգամ, երբ առնետը կծում էր Ջիմին, Ջիմը վեր էր կենում և իր օրագրում մի տող ավելացնում, քանի դեռ թանաքը չէր չորացել։ Գրիչները պատրաստել էինք, մակագրությունները փորագրել ջրաղաց քարի վրա, մահճակալի ոտքը սղոցել, երկու մասի էինք բաժանել, թեփը կերել էինք, բայց դա այնպես ցավեցրեց մեր ստամոքսը, որ կարծում էինք, թե կմեռնենք։ Լավ է, ոչինչ չեղավ։ Կյանքումս ավելի անմարսելի սղոցաթեփ չէի տեսել։ Նույն բանն ասաց և Թոմը։ Բայց, ինչպես ասացի, այժմ վերջապես բոլոր գործերը կատարված էին։ Մենք, իհարկե, դրա համար շատ տանջվեցինք, հատկապես՝ Ջիմը։
 +
 +
Ծերունին երկու անգամ նամակ էր ուղարկել Օռլեանի մոտերքում գտնվող մի պլանտացիա, որպեսզի գան, տանեն իրենց փախած նեգրին։ Բայց ոչ մի պատասխան չէր ստացել․ այդպիսի պլանտացիա գոյություն չուներ։ Նա որոշեց Ջիմի մասին Սեն Լուիի և Նոր Օռլեանի թերթերում հայտարարություն տալ։ Երբ նա հիշատակեց Սեն Լուիի թերթերի մասին, սառը դող անցավ մարմնովս։ Տեսա, որ ժամանակ չունենք կորցնելու։ Թոմն ասաց, որ արդեն անանուն նամակներ գրելու ժամանակն է։
 +
 +
― Դա ի՞նչ բան է, ― հարցրի ես։
 +
 +
― Զգուշացնել մարդկանց, թե ինչ֊որ փորձանք է գալու։ Տարբեր ձևեր կան։ Ինչ որ է, միշտ մեկը հետևում է հանցագործին և տեղեկացնում ամրոցի պետին։ Երբ Լյուդովիկոս XVI֊ը պատրաստվում էր փախչել Տյուիլրիից, այդ մասին տեղեկացրեց մի աղախին։ Դա շատ լավ միջոց է։ Անանուն նամակները նույնպես վատ չեն։ Մենք այդ երկու միջոցներն էլ կօգտագործենք։ Սովորաբար բանտարկյալի մայրը որդու հետ փոխում է շորերը և ինքը մնում է նրա տեղը, իսկ բանտարկյալը փախչում է մոր շորերով։ Մենք այդ էլ կանենք։
 +
 +
― Բայց լսիր, Թոմ, ի՞նչ կարիք կա նախազգուշացնել մարդկանց, թե դավադրություն պիտի լինի։ Թող իրենք իմանան․ դա արդեն նրանց գործն է։
 +
 +
― Այո, գիտեմ։ Բայց չի կարելի վստահ լինել, թե նրանք կհսկեն։ Հենց սկզբից նրանք մեզ լրիվ ազատ թողեցին, թույլ տվին, որ ամեն ինչ անենք։ Նրանք այնքան վստահում են մարդկանց և այնպես միամիտ են, որ ոչ մի բան չեն նկատի։ Եթե մենք նրանց չնախազգուշացնենք, ապա ոչ մի մարդ կամ միջոց չի լինի, որը խանգարի մեզ, և մեր այս ամբողջ ծանր աշխատանքից ու նեղությունից հետո այս փախուստը տեղի կունենա շատ հարթ ձևով, զրոյի հավասար, աննպատակ։
 +
 +
― Լավ, ինչ վերաբերում է ինձ, Թոմ, իմ ուզածն էլ հենց այդ է։
 +
 +
― Դատարկ բան, ― ասաց նա դժգոհ։
 +
 +
― Բայց ես չեմ տրտնջում, Թոմ։ Ինչ ձև էլ որ հարմար գտնես, միևնույն է։ Իսկ աղախինի համար ի՞նչ ես անելու։
 +
 +
― Նրա դերը դու կտանես։ Կեսգիշերին ներս կմտնես և կթռցնես խառնածինի զգեստը։
 +
 +
― Բայց, Թոմ, առավոտյան նա մեծ աղմուկ կբարձրացնի, որովհետև նա հավանորեն միայն մի զգեստ ունի։
 +
 +
― Գիտեմ, բայց քեզ այդ զգեստը միայն տասնհինգ րոպե է պետք, մինչև անանուն նամակը տանես դռան տակը դնես։
 +
 +
― Լավ, կանեմ, բայց ես կարող եմ այդ գործը նույնքան հաջող կատարել և իմ հագուստներով։
 +
 +
― Բայց այդ դեպքում դու չես նմանվի աղախնի, չէ՞։
 +
 +
― Ոչ, սակայն ոչ ոք չի լինի այնտեղ, որպեսզի տեսնի, թե ինչի եմ նման։
 +
 +
― Դա գործի հետ կապ չունի։ Մենք պետք է մեր պարտականությունը ճշտությամբ կատարենք և չմտահոգվենք՝ մեզ կտեսնե՞ն, թե՞ ոչ։ Մի՞թե դու սկզբունքից զուրկ ես։
 +
 +
― Լավ, ոչինչ չեմ ասում։ Ես կլինեմ աղախին։ Իսկ ո՞վ է Ջիմի մայրը։
 +
 +
― Մայրն էլ ես կլինեմ։ Ես էլ մորաքույր Սալլիի զգեստը կգողանամ։
 +
 +
― Ուրեմն՝ դու մնալու ես հյուղակո՞ւմ, երբ ես ու Ջիմը գնանք։
 +
 +
― Երկար չեմ մնա։ Ջիմի շորերը կլցնեմ ծղոտով, կդնեմ նրա մահճակալի վրա և կերևակայեմ, թե դա նրա ծպտված մայրն է։ Իսկ Ջիմը կհագնի իմ տված կանացի զգեստը, և մենք բոլորս միասին կփախչենք։ Երբ մի ազնիվ բանտարկյալ է փախչում, ասում են «խույս տվեց»։ Միշտ այդպես են ասում, երբ, օրինակի համար, թագավոր է փախչում։ Նույնը վերաբերում է և թագավորի որդուն (նշանակություն չունի օրինական որդի՞ է, թե ոչ)։
 +
 +
Թոմը գրեց անանուն նամակը, ես գիշերը թռցրի խառնածինի զգեստը, հագա, և նամակը դրեցի դռան տակ, ինչպես ասել էր Թոմը։ Նամակում գրված էր․
 +
 +
«Զգուշացեք, ձեզ վտանգ է սպառնում։ Եղեք աչալուրջ։
 +
 +
:::::::::::::::::Անհայտ բարեկամ»։
 +
 +
Հաջորդ գիշերը ճակատի դռանը մի նկար փակցրինք, որը Թոմը նկարել էր արյամբ։ Դա ներկայացնում էր մի գանգ և խաչաձևած ոսկորներ։ Երրորդ գիշերը փակցրինք մի դագաղ՝ ետևի դռան վրա։ Ես երբեք չեմ տեսել մի ընտանիք, որն այդ աստիճան սարսափահար լիներ։ Ավելի չէին ահաբեկվի, եթե տունը լցված լիներ ուրվականնեով, որոնք պառկած լինեին ամեն մի իրի ետևում, մահճակալների տակ և օրորվեին օդում։ Երբ դուռն էին ծեծում, մորաքույր Սալլին վեր էր թռչում ու հառաչում՝ «ո՜ւհ»։ Երբ մի բան վայր էր ընկնում, նույնպես վեր էր թռչում ու հառաչում։ Եթե պատահմամբ դիպչեին նրան, և նա չնկատեր, թե ով է, նույն աղաղակն էր լսվում։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում մի բանի ուղիղ նայել ու գոհ մնալ, որովհետև միշտ թվում էր, թե իր ետևում մի բան կա։ Միշտ անսպասելիորեն պտույտ էր գալիս ու բացականչում՝ «ո՜ւհ»։ Պտույտի երկու երրորդը դեռ չկատարած՝ ետ էր դառնում ու կրկնում նույն բացականչությունը։ Նա վախենում էր անկողին մտնել, ամբողջ գիշերը նստել ու սպասել նույնպես չէր կարողանում։ Այնպես որ գործը լավ էր գնում, ասում էր Թոմը։ Նա ասում էր, որ ինքը երբևէ չի տեսել մի բան, որն ավելի գոհացուցիչ արդյունք տար, և այդ ցույց էր տալիս, որ ամեն ինչ ճիշտ է կատարված։
 +
 +
Այժմ, Թոմի կարծիքով, գլխավոր հարվածի ժամանակն է։
 +
 +
Հաջորդ առավոտյան, երբ նոր էր լույսը բացվել, մի այլ նամակ պատրաստեցինք, բայց չգիտեինք, թե ինչպես տեղ հասցնենք։ Ընթրիքի ժամանակ լսեցինք, որ ամբողջ գիշերը յուրաքանչյուր դռան առջև մի նեգր է հսկելու։ Թոմը շանթարգելով ցած սողաց շրջակայքը լրտեսելու և տեսավ, որ ետևի դռան մոտ կանգնած նեգրը քնած է։ Նամակը նրա օձիքը խցկեց ու վերադարձավ։ Նամակում գրված էր․
 +
 +
«Ինձ մի՛ մատնեք․ ես ձեր բարեկամն եմ։ Այս գիշեր հնդկացիների կողմերից եկած մարդասպանների կատաղի մի խումբ պատրաստվում է գողանալ ձեր փախած նեգրին։ Նրանք փորձում են ահաբեկել ձեզ, որպեսզի դուք տանը մնաք և նրանց նեղություն չտաք։ Ես այդ խմբի անդամներից մեկն եմ, բայց կրոնական դաստիարակություն եմ ստացել․ ուզում եմ թողնել ավազակությունը և նորից վարել ազնիվ կյանք։ Ահա և հայտնում եմ նրանց դժոխային ծրագրերը։ Նրանք ցած կսողոսկեն հյուսիսային կողմից, ցանկապատի երկարությամբ, ուղիղ կեսգիշերին։ Ունեն հարմար բանալի․ կգնան նեգրի հյուղակը և նրան կտանեն։ Ես մի փոքր հեռու եմ կանգնելու և վտանգի դեպքում փող եմ փչելու։ Բայց դրա փոխարեն ոչխարի պես կմայեմ, հենց որ նրանք ներս մտնեն, և երբեք փող չեմ փչի։ Երբ նրանք կսկսեն շղթան քանդել, դուք թաքուն մոտեցեք։ Դուռը նրանց վրա կողպեք, որից հետո կարող եք նույնիսկ սպանել նրանց, եթե ցանկանաք։ Ոչինչ չձեռնարկեք, բացի այն միջոցներից, որ ես եմ ասում, այլապես նրանք կկասկածեն ինչ֊որ բանի վրա և աղմուկ կբարձրացնեն։ Ոչ մի հատուցում չեմ պահանջում։ Բավական է այն, որ վարմունքս ազնիվ է։
 +
 +
:::::::Անհայտ բարեկամ»։
 +
 +
 +
==Գլուխ քառասուներորդ==
 +
 +
 +
Նախաճաշից հետո մեզ շատ լավ էինք զգում։ Վերցնելով իմ նավակը, գնացինք ձուկ որսալու, մեզ հետ վերցրինք նաև ուտելիք և լավ ժամանակ անցկացրինք։ Գնացինք տեսնելու իմ լաստը և այն գտանք շատ լավ վիճակում։ Տուն վերադարձանք երեկոյան, ընթրիքի ժամանակ։ Տնեցիներն այնպես մտատանջ ու հուզված վիճակում էին, որ չգիտեին ինչ անել։ Երբ ընթրիքը վերջացրինք, մեզ անմիջապես ուղարկեցին քնելու և չուզեցին ասել, թե ինչ փորձանքի մեջ են ընկել։ Ոչ մի բառ չասացին նոր նամակի մասին։ Ասենք, դա մեզ պետք էլ չէր․ մենք դրան նույնքան էինք տեղյակ, որքան իրենք։ Հենց որ աստիճանների կեսը բարձրացանք, և մորաքույրը շուռ եկավ գնալու, մենք մտանք մառանը, մոտեցանք պահարանին, մեր գրպանները լցրինք ուտելիքներով ու պառկեցինք մահճակալների վրա։ Վեր կացանք ժամը տասնմեկնանց կեսին։ Թոմը հագավ մորաքույր Սալլիի զգեստը, որ գողացել էր, և մենք արդեն պատրաստ էինք ուտելիքներով իջնել ներքև։
 +
 +
― Որտե՞ղ է կարագը, ― հանկարծ հարցրեց նա։
 +
 +
― Ես մի ամբողջ կտոր հանեցի ու դրեցի եգիպտացորենի հացի վրա, ― պատասխանեցի ես։
 +
 +
― Ուրեմն՝ այնտեղ ես թողել, այստեղ չկա։
 +
 +
― Մենք առանց կարագի էլ յոլա կգնանք, ― ասացի ես։
 +
 +
― Իսկ կարագով ավելի լավ յոլա կգնանք, ― ասաց նա, ― վազիր մառանը և բեր։ Հետո իջիր շանթարգելով ու եկ ինձ մոտ։ Ես գնում եմ Ջիմի շորերը ծղոտով լցնելու, իբր թե դա նրա ծպտված մայրն է։ Ես պատրաստ կսպասեմ, և հենց որ երևաս, ոչխարի նման կմայեմ։
 +
 +
Այսպիսով նա դուրս գնաց, իսկ ես իջա մառանը։ Կարագի բռնցքաչափ կտորն ընկած էր այնտեղ, ուր թողել էի։ Եգիպտացորենի հացի շերտի հետ դա վերցրի, մոմը հանգցրի և գողեգող բարձրացա վերև։ Բարեհաջող տեղ հասա, բայց ահա երևաց մորաքույր Սալլին՝ մոմը ձեռքին։ Ես կարագն ու հացը արագ թաքցրի գլխարկիս մեջ և դրի գլխիս։ Հաջորդ վայրկյանին նա ինձ նկատեց․
 +
 +
― Մառանո՞ւմ էիր։
 +
 +
― Այո, տիկին։
 +
 +
― Ի՞նչ էիր անում։
 +
 +
― Ոչինչ։
 +
 +
― Ոչի՞նչ։
 +
 +
― Այո, ոչինչ։
 +
 +
― Խելքիդ ի՞նչ փչեց գիշերվա այս ժամին մտնել այնտեղ։
 +
 +
― Չգիտեմ, տիկին։
 +
 +
― Չգիտե՞ս։ Ինձ այդպես մի՛ պատասխանիր, Թոմ, ուզում եմ իմանալ, թե ի՛նչ էիր անում այնտեղ։
 +
 +
― Ոչ մի բան չէի անում, մորաքույր Սալլի, աստված վկա, ոչինչ չէի անում։
 +
 +
Կարծում էի, թե նա ինձ բաց կթողնի, ինչպես սովորաբար թողնում էր, բայց այժմ այդ տանն այնքան տարօրինակ բաներ էին տեղի ունենում, որ նա ամեն մի փոքրիկ բանից վախենում էր։ Ուստի չափազանց վճռական ձայնով ասաց․
 +
 +
― Գնա նախասենյակ և նստիր այնտեղ, մինչև ես գամ։ Դու ինչ֊որ բաներ ես անում, որ քեզ չեն վերաբերում։ Մինչև չիմանամ, քեզ բաց չեմ թողնի։
 +
 +
Երբ ես բաց արի նախասենյակի դուռը և ներս մտա, նա թողեց հեռացավ։ Բայց աստվա՜ծ իմ, այնտեղ հավաքվել էին տասնհինգ ագարակատերեր, և յուրաքանչյուրի ուսին հրացան կար։ Ես ուղղակի թուլացա, կուչ եկա ու նստեցի մի աթոռի վրա։ Նրանք նստել էին այս ու այն անկյունում։ Մի քանիսը երբեմն ցածրաձայն խոսում էին իրար հետ։ Բոլորն բարկացած ու անհանգիստ էին։ Թեև փորձում էին երևալ անվրդով, բայց ես գիտեի, թե ինչն ինչոց է․ շարունակ հանում էին գլխարկները, նորից դնում գլխներին, քորում գլուխները, փոխում տեղերը, քաշքշում կոճակները։ Ինքս էլ հանգիստ չէի, բայց միևնույն էր, գլխարկս հանել չէի կարող։
 +
 +
Ուզում էի, որ մորաքույր Սալլին շուտ գար և ինձ հետ հաշիվը փակեր։ Թող ծեծեր ինձ, եթե ուզում էր, միայն թե շուտ բաց թողներ, որ գնայի, Թոմին ասեի, թե մենք որքան երկար եփեցինք այս ճաշը և ինչ մեղվաբույն խառնեցինք։ Պետք է անմիջապես դադարեցնեինք այս խեղկատակությունները և փախչեինք Ջիմի հետ, նախքան այս հորձանքը, համբերությունից դուրս գալով, կխուժի մեզ վրա։
 +
 +
Վերջապես մորաքույր Սալլին եկավ և սկսեց հարցեր տալ ինձ, բայց ես չկարողացա ուղղակի պատասխանել։ Չգիտեի՝ ինչ ասեմ, որ հարմար լինի։ Մարդիկ այնպիսի անհանգիստ շարժումներ էին անում, որ մի քանիսը նույնիսկ ուզում էին իսկույն վեր կենալ և հետապնդել այդ կատաղի ավազակներին, ասելով, թե ընդամենը մի քանի րոպե է մնացել մինչև կեսգիշերը։ Մի մասն էլ ասում էր, թե պետք է համբերել, մինչև մայունով ազդանշան տրվի։ Մորաքույրն էլ ինձ էր հարցերով տանջում։ Ես դողում էի ամբողջ մարմնով և պատրաստ էի գետինը մտնել, այնքա՜ն վախեցել էի։ Սենյակը ավելի ու ավելի շոգեց, կարագն սկսեց հալչել ու հոսել վզիս վրայով ու ականջներիս ետևեով։ Շուտով, երբ այդ մարդկանցից մեկն ասաց, որ «պետք է հենց հիմա գնալ հյուղակը և սպասել ու բռնել նրանց, հենց որ ներս մտնեն», քիչ էր մնում ուշաթափվեի։ Հալված կարագի մի շիթ սկսեց ծորել իմ ճակատի վրայով։ Մորաքույր Սալլին տեսավ, սավանի պես սպիտակեց ու ասաց․
 +
 +
― Ի սե՜ր աստծո, ի՞նչ պատահեց տղային։ Երևի ուղեղի բորբոքում է․ ահա, ուղեղը դուրս է ծորում։
 +
 +
Բոլորը վազեցին տեսնելու ինձ, իսկ մորաքույրը վերցրեց գլխարկս։ Հացն ու կարագի մնացած մասը ցած ընկան։ Մորաքույրն ինձ գրկեց ասելով․― Օ՜, որ քա՜ն վախեցրիր ինձ, որքա՜ն ուրախ եմ, որ վատ բան չկա։ Առանց այն էլ գործերս ձախ են գնում։ Մեկ էլ տեսար՝ մի նոր փորձանք եկավ։ Հենց որ նայեցի քեզ, մտածեցի, թե կորած ես։ Գույնիցդ և ամեն ինչից ենթադրեցի, թե ուղեղդ է․․․ Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ չասացիր, որ դրա համար ես մառան գնացել․ ես քեզ ոչինչ չէի ասի։ Դե՛, փախի՛ր, գնա քնիր․ մինչև առավոտ քեզ չտեսնեմ։
 +
 +
Մի վայրկյանում արդեն վերևի հարկում էի։ Հաջորդ վայրկյանին շանթարգելով իջա ներքև և մթության մեջ սլացա դեպի կից հյուղակը։ Հազիվ էի կարողանում խոսել, այնքան հուզված էի։ Բայց կարողացածիս չափ արագ ասացի Թոմին, որ պետք է հեռանանք և ոչ մի րոպե կորցնել չի կարելի, տունը լցված է մարդկանցով և բոլորը հրացան ունեն։
 +
 +
Նրա աչքերը շողացին, և նա ասաց․
 +
 +
― Ո՛չ, մի՞թե այդպես է։ Հիանալի՜ է։ Եթե ես ստիպված լինեի ամեն ինչ նորից սկսել, գրազ կգամ, որ երկու հարյուր մարդ հավաքել կտայի։ Եթե կարողանայինք հետաձգել մինչև․․․
 +
 +
― Շտապի՛ր, շտապի՛ր, ― ասացի ես, ― ո՞ւր է Ջիմը։
 +
 +
― Ահա, կողքիդ է․ ձեռքդ պարզես, նրան կդիպչի։ Նա հագնվել է և ամեն ինչ պատրաստ է։ Այժմ պիտի ծլկենք և ես մայունի ազդանշան կտամ։
 +
 +
Բայց շուտով լսեցինք դռանը մոտեցող ոտնաձայներ, լսեցինք, թե ինչպես են կողպեքը այս ու այն կողմ շուռ տալիս։ Նրանցից մեկն ասաց․
 +
 +
― Ես ձեզ ասում էի, թե դեռ շուտ է, նրանք դեռ եկած չեն լինի․ դուռը փակ է։ Սպասեցեք, ես ձեզանից մի քանիսին կփակեմ հյուղակում, դուք թաքնվեք մթության մեջ․ կսպանեք նրանց, երբ գան։ Մնացածներդ ցրվեք մոտակայքում և ուշադիր հետևեք նրանց գալուն։
 +
 +
Նրանք մտան ներս, բայց մեզ տեսնել չէին կարող, մութ էր։ Մինչ մենք շտապում էինք մահճակալի տակ մտնել, նրանք այնքան մոտեցան, որ քիչ էր մնում տրորեին մեզ։ Բայց մենք հաջող կերպով սողացինք անցքի մեջ՝ արագ, բայց անաղմուկ, սկզբում Ջիմը, հետո ես և վերջում Թոմը։ Դա կատարվեց համաձայն Թոմի կարգադրության։ Այժմ մենք կից հյուղակում էինք և լսում էինք մոտիկից եկող ոտնաձայներ։ Սողացինք դեպի դուռը, Թոմն այնտեղ կանգնեցրեց մեզ և դռան ճեղքից նայեց դուրս, բայց ոչինչ չտեսավ, որովհետև մութ էր։ Նա շշուկով ասաց, թե պետք է ականջ դնի այնքան, մինչև ոտնաձայները հեռանան, և երբ արմունկով մեզ հրի, Ջիմը պետք է ամենից առաջ դուրս գա, իսկ ինքը ամենից վերջը։ Ականջը ճեղքին դրած՝լսեց։ Ամբողջ ժամանակ դրսում ոտնաձայները չէին դադարում։ Վերջապես նա արմունկով հրեց, և մենք դուրս թռանք։ Կուչ եկած և շնչներս պահած՝ գաղտագողի սահեցինք դեպի ցանկապատն ու տեղ հասանք բարեհաջող կերպով։ Ես ու Ջիմն արդեն բարձրացել էինք պատի վրա, բայց Թոմի անդրավարտիքը դեմ առավ ցանկապատի վերին ձողին։ Լսեցինք մեզ մոտեցող ոտնաձայն։ Թոմն ստիպված քաշեց անդրավարտիքը։ Ձողը ջարդվեց, և ճռռոց լսվեց։ Երբ Թոմն արդեն թռել էր ցած և հետևում էր մեզ, մեկը կանչեց․
 +
 +
― Այդ ո՞վ է։ Պատասխանիր, թե չէ կկրակեմ։
 +
 +
Բայց մենք չպատասխանեցինք և ամբողջ ուժով փախանք։ Ամբողջ բազմությունը ընկավ մեր ետևից․․․ Բո՜ւմ․․․ բո՜ւմ․․․ բո՜ւմ․․․ Գնդակները վզզալով սուրում էին մեր շուրջը։ Մենք լսում էինք մարդկանց գոռոցները։
 +
 +
― Ահա, այստեղ են, փախչում են դեպի գետը։ Նրանց ետևի՜ց, տղե՛րք, բա՛ց թողեք շները։
 +
 +
Նրանք ամբողջ թափով ընկան մեր ետևից։ Լսում էինք ոտքերի դոփյուն և գոռոցներ։ Բայց մենք ո՛չ կոշիկներ ունեինք մեր ոտքերին, ո՛լ էլ ձայն էինք հանում։ Մենք բռնեցինք սղոցարան տանող ճանապարհը։ Երբ նրանք բավական մոտեցան մեզ, թաքնվեցինք մացառների մեջ և թողեցինք, որ առաջ անցնեն։ Հետո վազեցինք նրանց ետևից։ Սկզբում նրանք բոլոր շները կապել էին, որպեսզի ավազակներին չվախեցնեն։ Բայց այժմ ինչ֊որ մեկն արձակել էր, և դրանք վազում էին ամբոխի ետևից ու այնպես էին հաչում, կարծեք մեկ միլիոն շուն կար։ Բայց դրանք մեր շներն էին, և մենք կանգ առանք ճանապարհին, մինչև հասան մեզ։ Երբ տեսան, որ միայն մենք ենք, և իրենց հուզմունք պատճառող բան չկա, բարեկամաբար շարժեցին պոչերն ու շարունակեցին ճանապարհը դեպի գոռոցն ու ճիչը։ Մենք նորից առաջ շարժվեցինք, մինչև հասանք սղոցարանի մոտերքը, ապա շուռ եկանք և թփուտների միջով հասանք այնտեղ, ուր թաքցրել էի մակույկս։ Արագ ներս ցատկեցինք և ամբողջ ուժով թիավարեցինք դեպի գետի մեջտեղը։ Դարձյալ ոչ մի ձայն չէինք հանում։ Հանգիստ շուռ եկանք դեպի այն կղզին, ուր թաքցրել էի իմ լաստը։ Երկար ժամանակ լսվում էր շների հաչոցը, որոնք գետափի երկարությամբ վեր֊վար էին վազում։ Շուտով այնքան հեռացանք, որ ձայները նվազեցին ու լռեցին։ Երբ ոտք դրինք լաստի վրա, ես ասացի․
 +
 +
― Այժմ, ծերունի Ջիմ, դու նորից ազատ մարդ ես, և այլևս ստրուկ չես լինի։
 +
 +
― Եվ որքա՜ն լավ էր սարքված, Հեք․ գեղեցիկ էր ծրագրված, գեղեցիկ էլ իրագործվեց։ Ոչ ոք չի կարող այդպիսի ծրագիր կազմել, որ այդքան բարդ լինի և այդպես փառավոր իրագործվի, ինչպես այս մեկը։
 +
 +
Մենք բոլորս շատ ուրախ էինք, բայց ամենից շատ Թոմն էր ուրախացել, որովհետև մի գնդակ խրվել էր նրա ծնկից ներքև, փափուկ մսի մեջ։ Երբ ես ու Ջիմը լսեցինք այդ, մեր ցնծությունը նվազեց։ Վերքը բավական նեղացնում էր նրան և արյուն էր հոսում։ Նրան պառկեցրինք լաստի տաղավարում և պատռեցինք դքսի շապիկներից մեկը վերքը կապելու համար։ Բայց Թոմն ասաց․
 +
 +
― Լաթի կտոր տվեք։ Ես ինքս կկապեմ։ Կանգ մի՛ առեք։ Իզուր ժամանակ մի՛ կորցրեք։ Փախուստը կատարվում է այսքա՜ն գեղեցիկ։ Լաստն արձակեք և ուժ տվեք թիերին։ Տղերք, մենք այս գործը հիանալի՜ գլուխ բերինք, հիանալի՜։ Ես կուզեի, որ Լյուդովիկոս XVI֊ը մեր ձեռքն ընկներ։ Այդ դեպքում նրա կենսագրության մեջ չէին գրի․ «Սուրբ Լյուդովիկոսի որդին երկինք համբարձվեց»։ Ո՛չ սըր, մենք նրան արտասահման կուղարկեինք։ Ահա թե ինչ կանեինք, և այն էլ ինչ ճարպկությամբ։ Ո՛ւժ տվեք թիերին, ո՛ւժ տվեք։
 +
 +
Բայց Ջիմն ու ես խորհրդակցում էինք ու մտածում։ Մեկ րոպե մտածելուց հետո ես ասացի․
 +
 +
― Խոսիր, Ջիմ։
 +
 +
Նա ասաց․
 +
 +
― Ասեմ, թե ինչ եմ մտածում, Հեք։ Եթե ազատվողը Թոմը լիներ, և մեզանից մեկը վիրավորված, մի՞թե նա կասեր, «Շարունակեք և փրկեցեք ինձ, վիրավորվածին փրկելու համար բժիշկ կանչելու կարիք չկա»։ Մի՞թե դա նման կլինի միստր Թոմ Սոյերին։ Այդպիսի բան նա կասե՞ր։ Կարող եմ գրազ գալ, որ չէր ասի։ Ուրեմն՝ Ջիմը կասի՞։ Ոչ, սըր, ես ոչ մի քայլ չեմ անի, մինչև այստեղ բժիշկ չգա, թեկուզ քառասուն տարի անցնի։
 +
 +
Ես գիտեի, որ նա հոգով սպիտակամորթ է և սպասում էի, որ կասի այն, ինչ ասաց։ Այժմ ամեն ինչ կարգին էր։ Ես Թոմին ասացի, որ գնում եմ բժիշկ հրավիրելու։ Նա մեծ աղմուկ բարձրացրեց, չէր համաձայնում, բայց ես ու Ջիմը համառեցինք, չուզեցինք տեղից շարժվել։ Թոմը դուրս սողաց և ինքն սկսեց լաստն արձակել։ Բայց մենք թույլ չտվեցինք։ Նա հանդիմանեց մեզ, բայց դա էլ չօգնեց։
 +
 +
Երբ տեսավ, որ ես պատրաստում եմ մակույկը, ասաց․
 +
 +
― Լավ, եթե ուզում ես անպայման գնալ, ես կասեմ, թե ինչպես ես վարվելու, երգ գյուղ հասնես։ Դուռը կփակես, բժշկի աչքերը լավ կկապես և երդվել կտաս, որ լուռ կմնա, ինչպես գերեզմանը։ Նրա ձեռքը կդնես մի քսակ ոսկի և ապա մթնով կառաջնորդես նրան խուլ նրբանցքներով։ Կբերես այստեղ նավակով և անուղղակի ճանապարհներով՝ պտտեցնելով կղզիների մեջ․ կխուզարկես, մոտից կվերցնես կավիճը և ետ չես տա, մինչև նրան նորից չվերադարձնես գյուղ, այլապես նա լաստի վրա նշան կանի և հետո կարող է նորից գտնել։ Բոլորն այդպես են անում։
 +
 +
Ես խոստացա այդպես անել ու հեռացա։ Ջիմը պետք է թաքնվեր անտառում, երբ նկատեր բժշկի գալը, և մնար այնտեղ, մինչև նա գնար։
 +
 +
 +
==Գլուխ քառասունմեկերորդ==
 +
 +
 +
Բժիշկը, որին ես հանեցի անկողնուց, հաճելի, բարի դեմքով մի ծերուկ էր։ Ասացի, որ ես ու եղբայրս երեկ կեսօրից հետո իսպանական կղզում որս էինք անում և գիշերելու համար իջանք մեր գտած մի լաստի բեկորի վրա։ Կեսգիշերին պետք է որ եղբայրս երազում ոտքով խփած լինի հրացանին։ Լսվեց կրակոց, և գնդակը կպավ նրա ոտքին։ Խնդրում ենք, որ բժիշկը գա, կապի վերքը և այդ մասին ոչ ոքի ոչինչ չասի, ոչ էլ այնպես անի, որ որևէ մեկն իմանա․ ուզում ենք այս երեկո վերադառնալ տուն և տնեցիներին անակնկալի բերել։
 +
 +
― Ովքե՞ր են ձեր տնեցիները, ― հարցրեց նա։
 +
 +
― Ֆելփսերը, այնտեղ, ագարակում։
 +
 +
― Օ՜, ― ասաց նա և մի րոպե հետո ավելացրեց․ ― Ասում ե ք՝ ինչպե՞ս է վիրավորվել։
 +
 +
― Երազ է տեսել, և դա է եղել վիրավորվելու պատճառը։
 +
 +
― Տարօրինակ երազ է, ― նկատեց նա։
 +
 +
Նա վառեց լապտերը, վերցրեց գործիքների պայուսակը, և ճանապարհ ընկանք։ Բայց երբ տեսավ մակույկը, դա նրան դուր չեկավ։ Ասաց, որ մի մարդու համար՝ ոչինչ։ Իսկ երկու հոգու համար ապահով չէ։ Ես ասացի․
 +
 +
― Վախենալու կարիք չկա, սըր, սրանով շատ հանգիստ նավարկել ենք երեքով։
 +
 +
― Երեքո՞վ։
 +
 +
― Դեհ, ես, Սիդը և․․․ և․․․ հրացանները։ Երրորդ ասելով նկատի ունեի հրացանները։
 +
 +
― Ա՜խ, այդպե՜ս, ― ասաց նա։
 +
 +
Նա ոտքը դրեց մակույկի եզրին, օրորեց այն և շարժեց գլուխը, ասելով, որ ինքը կաշխատի ավելի մեծը ճարել։ Բայց բոլոր նավակները շղթայով կապած ու կողպած էին։ Նա նստեց իմ մակույկը և ասաց, որ սպասեմ, մինչև ինքը վերադառնա լաստից, կամ գուցե կարողանամ ավելի մեծը ճարել, թերևս ավելի լավ է՝ գնամ տուն և տնեցիներին նախապատրաստեմ անակնկալին, եթե ուզում եմ։ Բայց ես ասացի, որ այդպես չեմ ուզում․ բացատրեցի, թե ինչպես գտնել լաստը, և նա գնաց։
 +
 +
Շուտով գլխումս մի միտք ծագեց։ Ինքս ինձ ասացի․ կարո՞ղ է Թոմի ոտքը կարգի բերել այնքան արագ, որ, ինչպես ասում են, ոչխարը երեք անգամ էլ դմակը չշարժի։ Իսկ եթե դա տևի երեք֊չորս օր, այդ դեպքում ի՞նչ ենք անելու։ Թոմն այդպես վայր է ընկնելու լաստի վրա, մինչև բժիշկը ամենուրեք տարածի՞ այդ լուրը։ Ոչ, դա անկարելի բան է։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Կսպասեմ, և երբ նա վերադառնա, ու ասի, թե ինքը մեկ էլ է այցելելու հիվանդին, այդ դեպքում ես էլ կգնամ հետը թեկուզ լող տալով։ Մենք կբռնենք նրան, կկապենք և մեզ հետ կտանենք գետով ներքև։ Երբ Թոմն այլևս նրա կարիքը չի ունենա, մենք կվճարենք և կթողնեք, որ ափ դուրս գա։
 +
 +
Ես սողացի փայտի դեզի մեջ փոքր֊ինչ քնելու։ Երբ արթնացա, արեգակը բարձրացել էր իմ գլխավերևը։ Ես վեր թռա և գնացի բժշկի տունը, բայց այնտեղ ինձ ասացին, որ նա գիշերը գնացել է հիվանդի մոտ և դեռ չի վերադարձել։ «Է՜հ, մտածեցի ես, դա ցույց է տալիս, որ Թոմի դրությունը լավ չէ։ Պետք է անմիջապես գնամ կղզին»։ Ես դուրս թռա, շուռ եկա փողոցի անկյունը, և գլուխս այնպես դիպավ հորեղբայր Սայլասի փորին, ինչպես խոյն է հարվածում։
 +
 +
― Թոմ, որտե՞ղ էիր այսքան ժամանակ, անպիտան։
 +
 +
― Ոչ մի տեղ, ― ասացի ես, ― ես ու Սիդն ընկել էինք փախստական նեգրի հետևից։
 +
 +
― Բայց որտե՞ղ էիք։ Ձեր մորաքույրը շատ անհանգիստ է, ― ասաց նա։
 +
 +
― Անհանգստանալու կարիք չկա, մենք շատ լավ ենք։ Մենք հետևում էինք մարդկանց ու շներին, բայց նրանք առաջ անցան, և մենք կորցրինք նրանց։ Մեզ թվաց, թե նրանց ձայնը լսում ենք գետի վրայից։ Մի մակույկ վարձեցինք ու հետևեցինք նրանց, անցանք գետը, բայց ոչ ոքի չգտանք։ Թիավարեցինք գետի ընթացքով վեր։ Այնքան հոգնեցինք ու ջարդվեցինք, որ մակույկը կապեցինք ու քնեցինք։ Արթնացանք միայն մեկ ժամ առաջ։ Ապա թիավարեցինք այս կողմ՝ լսելու, թե ինչ նորություն կա։ Սիդը գնաց փոստի գրասենյակը իմանալու, թե ինչ կա, ես էլ դուրս եկա, որ ուտելու բան ճարեմ։ Հետո գալու էինք տուն։
 +
 +
Գնացինք փոստի գրասենյակը «Սիդին» գտնելու, բայց, իհարկե, նա այնտեղ չէր։ Ծերունին մի նամակ ստացավ, և մենք մի փոքր սպասեցինք։ Բայց Սիդը չեկավ։ Այն ժամանակ ծերունին ասաց․ «Գնանք տուն, թող Սիդը ոտքով կամ նավակով գա, երբ կվերջացնի աննպատակ թափառելը, մենք ձիով կգնանք»։ Ես չկարողացա համոզել, որ մնամ ու սպասեմ Սիդին։ Նա ասաց, թե միտք չունի սպասել։ Պետք է իր հետ տուն գնամ, որպեսզի մորաքույր Սալլին տեսնի, որ մեզ ոչինչ չի պատահել։
 +
 +
Երբ տուն հասանք, մորաքույր Սալլին այնքան ուրախացավ, որ միաժամանակ և՛ ծիծաղում էր, և՛ արտասվում։ Նա ինձ գրկեց և մի թեթև ծեծ տվեց, որը ցավ էլ չպատճառեց։ Ասաց, որ նույնը կստանա նաև Սիդը, երբ վերադառնա։
 +
 +
Տունը լցված էր ագարակատերերով ու նրանց կանանցով։ Եկել էին ճաշի։ Ես այդպիսի աղմուկ ու շաղակրատանք կյանում երբեք չէի լսել։ Ամենավատը պառավ միսիս Հոչկինսն էր։ Այդ կնոջ լեզուն ոչ մի րոպե կանգ չէր առնում։ Նա ասում էր․
 +
 +
― Լավ, Ֆելփս քույրիկ, ես նայեցի հյուղակի բոլոր ծակուծուկը։ Իմ կարծիքով այդ նեգրը խելագար է եղել։ Այդպես էլ ասացի Դամբել քույրիկին։ Չասացի՞, Դամբել քույրիկ։ Խելագար է, այդպես էլ ասացի, հենց այդ բառերով։ Դուք բոլորդ լսեցիք, թե ինչ ասացի։ Այդ նեգրը խելագար է։ Ամեն ինչ այդ է ցույց տալիս։ Նայեցեք այդ ջրաղացքարին։ Կարիք չկա ասելու, որ առողջ մտքի տեր ոչ մի մարդ չի կարող ճանկռոտել այսպիսի մի ջրաղացքար և վրան այսքան ապուշ բաներ փորել, թե այստեղ փշրվել է նրա սիրտը, թե այստեղ նա ժրաջան աշխատել է երեսունյոթ տարի, որ իբր թե ինչ֊որ Լյուդովիկոսի ապօրինի զավակն է և նման անվերջ անհեթեթություններ։ Ես ասում եմ, որ այդ նեգրը կատարյալ խելագար է։ Ասել եմ սկզբում, նորից եմ ասել, նույնն ասում եմ այժմ և կասեմ հետագայում․ նա կատարյալ Նաբուգոդոնասոր<ref>Բաբելոնի թագավոր։</ref> է։
 +
 +
― Ապա նայեցեք շորից պատրաստած սանդուղքին, Հոչքինս քույրիկ, ― մեջ ընկավ պառավ միսիս Դառնելը, ― բարի եղեք ասելու, թե ինչի՞ համար է նա դա պատրաստել։
 +
 +
― Նույն բառերը հենց նոր ասացի Օթթերբեք քույրիկին։ Նա ինքը ձեզ կասի։ «Նայեցեք այդ շորե սանդուղքին, ― ասաց նա, ― ես ասացի, այո, բայց դա նրա ինչի՞ն է պետք»։ Օթթերբեք քույրիկն էլ թե․
 +
 +
― Բայց այդ ջրաղացքարն ինչպե՞ս այդտեղ ընկավ, և ո՞վ փորեց այդ ստորերկրյա անցքը, ո՞վ․․․
 +
 +
― Հենց իմ խոսքերն են դրանք, եղբայր Փենրոթ․․․ Մեղրաջրի ամանն այս կողմը բերեք։ Հենց նոր Դընլեփ քույրիկին ասացի․ «Ինչպե՞ս այդ ջրաղացքարը տարան այնտեղ, առանց դրսի օգնության։ Ա՛յ թե որտեղ է գաղտնիքը։ Է՛լ մի ասեք։ Օգնել են, մեծ չափով օգնել, մի տասնյակ մարդ օգնել է այդ նեգրին։ Ես այստեղ մինչև վերջի նեգրի կաշին կքերթեի, մինչև պարզեի, թե ո՛վ է օգնել։
 +
 +
― Ասում եք՝ մի տասնյակ։ Քառասուն մարդ էլ չէին կարող անել այդ ամենը, որ կատարված է այստեղ։ Նայեցեք այդ դանակից շինած սղոցին ու մյուս բաներին։ Ի՞նչ տաղտկալի գործ, ինչպիսի՜ համբերությամբ է այդ բոլորն արված։ Նայեցեք մահճակալի սղոցած ոտքին, վեց մարդ մեկ շաբաթում հազիվ անի։ Նայեցեք մահճակալի վրա ծղոտից պատրաստած նեգրին և նայեցեք․․․
 +
 +
― Լավ եք ասում, եղբայր Հայթաուեր, նույնը ես ասացի եղբայր Ֆելփսին անձամբ։ Նա ասում է․ «Ի՞նչ եք մտածում այդ մասին, Հոչքինս, քույրիկ», ― ինչի՞ մասին, եղբայր Ֆելփս»,  ― ասում եմ ես։ «Մահճակալի ոտքն այդ ձևով սղոցելու մասին»։ Ի՞նչ եմ մտածում։ Ասում եմ, թե ոտքն ինքն իրեն չի սղոցվել, մեկը սղոցել է։ Իմ կարծիքն այդ է։ Կուզեք ընդունեք, կուզեք մի ընդունեք, իմ կարծիքն այդ է։ Եթե մի ուրիշն այլ կերպ է մտածում, դա նրա գործն է։ Ուրիշ ոչինչ։ Դըլնեփ քույրիկին ասում էի․․․
 +
 +
― Ա՜խ, այդ նեգրերը․․․ Պետք է որ չորս շաբաթ ամեն գիշեր մի տուն լիքը նեգրեր հավաքված լինեին այնտեղ, որպեսզի կատարեին այդ ամբողջ աշխատանքը, Ֆելփս քույրիկ։ Նայեցեք այդ շապկին, դրա յուրաքանչյուր մատնաչափը ծածկված է աֆրիկյան գաղտնի գրերով և գրված է արյամբ։ Պետք է որ այստեղ աշխատած լինի մի մեծ խումբ, և այն էլ գրեթե ամբողջ ժամանակ։ Ես ուրախությամբ երկու դոլար կտայի, եթե մեկն այդ կարդար ինձ համար։ Իսկ ինչ վերաբերում է այն նեգրերին, որ գրել են դա, ես կվերցնեի ու այնքան կմտրակեի, մինչև․․․
 +
 +
― Ասում եք, որ նրան օգնել են, եղբայր Մափլզ։ Կարծում եմ, այդպես էլ կկարծեիք, եթե այն ժամանակ այս տանը լինեիք։ Նրանք գողացել են այն ամենը, ինչ ձեռքներն է ընկել, իսկ մենք էլ ամբողջ ժամանակ հսկել ենք, լսո՞ւմ եք։ Նրանք հենց այս շապիկը թռցրել են պարանի վրայից։ Իսկ ինչ վերաբերում է սավանին, որից սանդուղք են շինել, չեմ կարող ասել, թե քանի անգամ են թռցրել։ Նույնը կարելի է ասել ալյուրի, մոմերի, մոմակալների, գդալների, հին տապակի և հազար ու մի բաների մասին, այն ժամանակ, երբ ես, Սայլասը, իմ Սիդն ու Թոմը գիշեր֊ցերեկ հսկել ենք, ինչպես ասացի քիչ առաջ, և մեզանից ոչ մեկը չի կարողացել ո՛չ նրանց մաշկը բռնել, ո՛չ էլ մաղը, ո՛չ էլ տեսել է կամ լսել նրանց ձայնը։ Եվ ահա, վերջին րոպեին, լսո՞ւմ եք, նրանք փախչում են մեր քթի տակից, հիմարացնում են մեզ, և ոչ միայն մեզ, այլև հնդկական տերիտորիայից եկած ավազակների մի ամբողջ խմբի և ապահով փախչում նեգրի հետ, այն էլ այն ժամանակ, երբ նրանց կրնկակոխ հետապնդում էին տասնվեց տղամարդ և քսան շուն։ Ասում եմ, որ ես մինչև օրս ոչ մի բան ո՛չ տեսել էի, ո՛չ լսել։ Ոգիները չէին կարող ավելի լավ և ավելի սրամիտ ձևով կատարել։ Եվ ես կարծում եմ, որ դրանք պետք է ոգիներ լինեին։ Դե դուք գիտեք, թե ինչ շներ ունենք։ Ոչ ոք ավելի լավ շուն չունի։ Բայց թե շները չկարողացան գտնել նրանց հետքը։ Դե՛հ, ձեզնից մեկը թող ինձ բացատրի այս բանը։
 +
 +
― Այո, դա․․․
 +
 +
― Աստվա՜ծ իմ, ես երբեք․․․
 +
 +
― Տե՜ր ողորմյա, ես չէի ուզում․․․
 +
 +
― Տնային գողեր, ինչպես և․․․
 +
 +
― Ի սեր աստծո․ ես կվախենայի ապրել այս տանը։
 +
 +
― Կվախենայինք։ Այո, այնպես էի ահաբեկվել, որ չէի կարողանում անկողին մտնել կամ վեր կենալ, նստել, պառկել, Ռիջուեյ քույրիկ։ Ինչպե՞ս չեն գողացել հենց․․․ Աստվա՜ծ իմ, երևակայեցեք, թե ինչպես հուզվեցի, երբ երեկ կեսգիշերը մոտենում էր։ Վախենում էի, թե ընտանիքի անդամներից մեկին կգողանան։ Այնտեղ էի հասել, որ համարյա կորցրել էի դատողությունս։ Այժմ, երբ ցերեկ է, դա հիմարություն է թվում։ Մտածում էի, որ իմ խեղճ երկու տղաները քնած են վերևում, երկուսով, առանձին սենյակում։ Աստված վկա, այնքան անհանգիստ էի, որ բարձրացա վեր ու դուռը կողպեցի նրանց վրա։ Այո, կողպեցի։ Ով իմ տեղը լիներ, այդպես կաներ։ Դե, գիտեք, երբ մարդ այդպես վախեցած է լինում և վախն էլ շարունակվում և ավելի ու ավելի խորանում է, գլխում ամեն ինչ խառնվում է։ Նա արդեն ամեն տեսակի տխմարությունների դիմում է, մտածելով, թե ինչպե՞ս կլիներ, եթե ինքն էլ մի տղա լիներ, վերևում մենակ քնած, դուռն էլ բաց։
 +
 +
Նա կանգ առավ, ինչ֊որ բանի մասին մտածելով, ապա դանդաղ պտտեցրեց գլուխը, և երբ աչքերը հանդիպեցին իմ աչքերին, ես վեր թռա ու գնացի զբոսնելու։ Զբոսանքի ժամանակ ինքս ինձ ասում էի, որ կարող եմ բացատրել, թե ինչու առավոտյան սենյակում չէինք, եթե առանձնանամ ու մի փոքր մտածեմ այդ հարցի մասին։ Այդպես էլ արեցի։ Բայց հեռու չգնացի, որովհետև կարող էին մեկին ուղարկել ինձ որոնելու։ Երբ կեսօրն անցել էր, և բոլորը գնացել էին, ես եկա ու պատմեցի, որ իբր աղմուկն ու կրակոցները ինձ ու «Սիդին» արթնացրին։ Դուռը փակ էր, իսկ մենք ուզում էինք տեսնել, թե ինչ է տեղի ունենում։ Վայր իջանք շանթագրելի ձողով։ Երկուսս էլ մի քիչ վնասվեցինք և որոշեցինք այլևս փորձ չանել դրանով իջնել։ Այնուհետև ես շարունակեցի պատմել այն, ինչ արդեն ասել էի հորեղբայր Սայլասին։ Մորաքույր Սալլին, լսելով պատմությունս, ասաց, որ ներում է մեզ և գուցե բոլոր դեպքերում էլ դա ճիշտ է․ մոտավորապես վարվել ենք այնպես, ինչպես կարելի էր սպասել տղաներից։ Չէ՞ որ բոլոր տղաները, որքան ինքը գիտե, որոշ չափով թեթևսոլիկ են։ Եվ քանի որ մեր գլխին փորձանք չէր եկել և ինքը մեզանից չէր զրկվել, ուրեմն՝ պետք է գոհություն հայտներ աստծուն, և ոչ թե հուզվեր ու բարկանար անցած֊գնացածի պատճառով։ Նա համբուրեց ինձ, շոյեց գլուխս և տարվեց ինչ֊որ մռայլ մտածմունքներով։ Շուտով վեր թռավ ու ասաց․
 +
 +
― Տե՜ր աստված, մութն ընկնում է, և Սիդը դեռ չի եկել։ Ի՞նչ պատահեց այդ տղային։
 +
 +
Ես տեսա, որ ծլկելու առիթը եկել է, ուստի վեր ցատկեցի ու ասացի․
 +
 +
― Վազեմ քաղաք և գտնեմ նրան, մորաքույր։
 +
 +
― Ոչ, մի՛ գնա, տեղումդ մնա, մեկի կորուստն էլ բավական է։ Եթե ընթրիքին տանը չեղավ, Սայլասը կգնա։
 +
 +
Ընթրիքին Թոմը, իհարկե, չեկավ։ Ընթրիքից անմիջապես հետո հորեղբայրը գնաց։
 +
 +
Նա վերադարձավ ժամը տասի մոտ՝ մի փոքր անհանգիստ։ Նա Թոմի հետքն էլ չէր գտել։ Մորաքույր Սալլին շատ անհանգստացավ, բայց հորեղբայր Սայլասն ասաց, որ անհանգստանալու կարիք չկա․ «Տղան տղա պիտի լինի, և կտեսնես, որ առավոտյան կերևա, ողջ և առողջ»։ Մորաքույրը ստիպված էր դրանով բավականանալ, բայց ասաց, որ քիչ էլ կսպասի և լույսը վառ կթողնի, որ տղան նկատի։
 +
 +
Այնուհետև, երբ ես գնացի քնելու, նա ինձ հետ բարձրացավ վեր և վերցրեց մոմը, լավ ծածկեց ինձ վերմակով և այնպես մայրաբար փայփայեց, որ ես ինձ զգացի մի տեսակ նվաստացած և չէի կարողանում նայել նրա դեմքին։ Մորաքույրը նստեց մահճակալի ծայրին և երկար խոսեց ինձ հետ, ասելով, թե ինչ սքանչելի տղա է Սիդը։ Սիդի մասին խոսելուց չէր կշտանում։ Շուտ֊շուտ հարցնում էր, թե, իմ կարծիքով, կարո՞ղ է նա կորած կամ վնասված, գուցեև խեղդված լինել։ Գուցեև այժմ մի տեղ ընկած տառապում է կամ արդեն մեռած է, և ինքը նրա կողքին չէ, չի կարող օգնել։ Արցունքները լուռ գլորվում էին նրա աչքերից։ Ես պատասխանում էի, որ Սիդին ոչինչ պատահած չի լինի, որ նա, անկասկած, առավոտյան տանը կլինի։ Մորաքույրն այս բառերը լսելիս սեղմում էր ձեռքս կամ համբուրում ու ասում, որ կրկնեմ այդ խոսքերը։ Դրանք հանգստացնում էին նրան, իսկ նա այնքա՜ն անհանգիստ էր։ Հեռանալիս մորաքույրը նայեց աչքերիս, այնպե՜ս անթարթ ու քնքուշ, և ասաց․
 +
 +
― Դուռը չեմ փակի, Թոմ։ Ահա պատուհանը, շանթարգելը, բայց դու խելոք տղա կլինես, չէ՞, չես գնա, ի սեր ինձ։
 +
 +
Սակայն ես շատ էի ուզում գնալ․ ուզում էի իմանալ, թե ինչպես է Թոմը։ Մտադիր էի անպայման գնալ։ Դրանից հետո չէի գնա, թեկուզ մի ամբողջ թագավորություն տային։
 +
 +
Մորաքույր Սալլին մտքիցս չէր հեռանում, Թոմը՝ նույնպես։ Ես շատ անհանգիստ քնեցի։ Գիշերը երկու անգամ շանթարգելով իջա ներքև, շրջեցի տան չորս կողմը և տեսա մորաքրոջը՝ պատուհանի մոտ, մոմի առջև նստած, արտասվալի աչքերը ճանապարհին ուղղած։ Ես ուզում էի նրա համար մի բան արած լինել, բայց չէի կարող։ Ես կարող էի միայն երդվել, թե այլևս չեմ անի այնպիսի բան, որը նրան վշտացնի։ Երրորդ անգամ արթնացա լուսադեմին և սահեցի ներքև։ Մորաքույրը դեռ այնտեղ էր։ Մոմը գրեթե սպառվել էր, և նրա ալեհեր գլուխը հանգչում էր ձեռքերի վրա։ Քնել էր։
 +
 +
 +
==Գլուխ քառասուներկուերորդ==
 +
 +
Ծերունին ճաշից առաջ նորից գնաց քաղաք, բայց Թոմի վերաբերյալ ոչինչ չէր իմացել։ Նրանք երկուսն էլ սեղանի առջև նստած՝ լուռ մտածում էին, ոչ ուտում էին, ոչ խմում։ Վերջապես ծերունին ասաց․
 +
 +
― Քեզ տվեցի՞ նամակը։
 +
 +
― Ի՞նչ նամակ։
 +
 +
― Այն, որ երեկ փոստի գրասենյակից ստացա։
 +
 +
― Ոչ, ինձ նամակ չես տվել։
 +
 +
― Ուրեմն՝ մոռացել եմ։
 +
 +
Նա որոնեց գրպաններում և ապա գնաց ինչ֊որ տեղ, ուր դրել էր նամակը, բերեց այն ու տվեց կնոջը։ Կինն ասաց․
 +
 +
― Օ՜, Սանկտ֊Պետերբուրգից է, քրոջիցս։
 +
 +
Ես մտածում էի, թե վատ չի լինի՝ մեկ էլ զբոսնելու գնալ, բայց չկարողացա տեղիցս շարժվել։ Նամակը դեռ չբացած, մորաքույրն այն վայր գցեց ու վազեց դուրս․ պատուհանից ինչ֊որ բան էր տեսել։ Ես հետևեցի նրան։ Դա Թոմ Սոյերն էր՝ ներքնակի վրա պառկած։ Տեսա և ծեր բժշկին։ Նրանց հետ էր Ջիմը՝ մորաքույր Սալլիի չթե զգեստը հագած, ձեռքերը մեջքին կապած։ Գալիս էր նաև մի հոծ բազմություն։ Ես նամակը թաքցրի առաջին պատահած իրի տակ ու դուրս վազեցի։ Մորաքույր Սալլին, լաց լինելով, նետվեց Թոմի կողմը։
 +
 +
― Օ՜, մեռել է, մեռե՜լ, գիտեմ, մեռե՜լ է։
 +
 +
Թոմը մի փոքր շուռ տվեց գլուխը և ինչ֊որ անկապ բառեր մրմնջաց։ Դա ցույց էր տալիս, որ նա նորմալ վիճակում չէ։ Մորաքույրը բարձրացրեց ձեռքերն ու ասաց․
 +
 +
― Կենդանի է, փա՜ռք աստծո։ Այդքանը բավական է։
 +
 +
Նա համբուրեց Թոմին ու վազեց տուն՝ անկողին պատրաստելու, յուրաքանչյուր քայլափոխում նեգրերին ու բոլորին աջ ու ձախ արագ֊արագ  հրամաններ տալու, որքան լեզուն կարող էր պտտվել բերանում։
 +
 +
Ես հետևում էի մարդկանց, տեսնելու, թե ինչ են անելու Ջիմին։ Ծեր բժիշկն ու հորեղբայր Սայլասը հետևեցին Թոմին, երբ նրան տարան ներս։ Մարդիկ չափազանց զայրացած էին։ Մի քանիսն ուզում էին կախել Ջիմին՝ որպես օրինակ տեղի նեգրերի համար, որպեսզի նրանք փախչելու փորձ չանեն, ինչպես արել էր Ջիմը, առաջացնելով այդքան իրարանցում և մի ամբողջ ընտանիք գիշեր֊ցերեկ պահելով սարսափի մեջ։ Մի քանիսն էլ ասում էին, թե չպետք է կախել, դա բոլորովին էլ նպատակահարմար չէ․ նա իրենց նեգրը չէ, և տերը կարող է ներկայանալ ու, անկասկած, ստիպել, որ իրենք վճարեն նրա համար։ Դա մասամբ մեղմեց նրանց զայրույթը, որովեհետև այն մարդիկ են միշտ ամենից շատ ուզում օրինազանց նեգրին կախել, որոնք ամենից քիչ ցանկություն ունեն այդ հաճույքը ստանալուց հետո վճարել նրա համար։ Նրանք շատ էին հայհոյում Ջիմին և հաճախ մեկ֊երկու հարված հասցնում գլխին, բայց Ջիմը ոչինչ չէր ասում։ Ցույց էլ չտվեց, թե ինձ ճանաչում է։ Նրան տարան նույն հյուղակը, հագցրին իր շորերը, նորից կապեցին շղթայով և այս անգամ ոչ թե մահճակալի ոտից, այլ մի մեծ սյունից, շղթայեցին նաև ձեռքերն ու երկու ոտքերը։ Ասացին, որ բացի հացից ու ջրից ոչինչ չի ստանա, մինչև տերը գա, կամ իրեն վաճառեն աճուրդով, եթե տերը որոշակի ժամանակից հետո չգա։ Ապա լցրին մեր փորած անցքը և ասացին, որ յուրաքանչյուր գիշեր երկու ագարակատեր հրացաններով պահակություն են անելու հյուղակի մոտ, իսկ ցերեկը դռան առաջ կապելու են մի բուլդոգ։ Երբ վերջացրին ամեն ինչ և հեռանում էին հրաժեշտի ընդհանուր հայհոյանքներով, ծեր բժիշկը մոտեցավ նրանց, նայեց այդ տեսարանին ու ասաց․
 +
 +
― Այդքան խիստ մի՛ վարվեք նրա հետ։ Նա վատ նեգր չէ։ Երբ ես հասա այնտեղ, որտեղ գտա տղային, տեսա, որ չեմ կարող գնդակը հանել առանց մեկի օգնության։ Իսկ տղան այնպիսի վիճակում էր, որ չէի կարող գնալ և մեկին օգնության կանչել։ Նրա դրությունը ավելի ու ավելի վատանում էր։ Երկար ժամանակ նա զառանցեց և այլևս թույլ չէր տալիս, որ մոտենամ։ Ասում էր, որ եթե կավճով նախշեմ իր լաստը, կսպանի ինձ։ Մի խոսքով, անմիտ֊անմիտ զառանցում էր։ Տեսա, որ մենակ ոչինչ չեմ կարող անել, ասացի, որ պետք է մի կերպ օգնող ճարեմ։ Հենց որ արտասանեցի այս բառերը, ինչ֊որ տեղից դուրս սողաց նեգրը և ասաց, որ ինքը կօգնի։ Եվ իսկապես օգնեց, այն էլ շատ լավ։ Ես, իհարկե, ենթադրեցի, որ նա փախած նեգր է և ստիպված եղա օրվա մնացած մասն ու ամբողջ գիշերը մեխվել այնտեղ։ Ինչպիսի՜ դժվար կացություն։ Քաղաքում տենդով բռնված երկու հիվանդ ունեի, և, իհարկե, կուզենայի շտապ վերադառնալ, տեսնել նրանց, բայց չեկա, որովհետև նեգրը կարող էր փախչել, և ինձ կմեղադրեին դրա համար, իսկ գետի վրա ոչ մի նավակ այնքան մոտ չեկավ, որ կանչեի։ Հարկ եղավ սպասել մինչև առավոտ։ Ես երբեք չեմ տեսել մի նեգրի, որը այդպես խնամեր հիվանդին ու ավելի հավատարիմ լիներ, եթե դրանով վտանգի էր ենթարկում իր ազատությունը։ Միաժամանակ ես պարզ նկատում էի, որ նա վերջին ժամանակները շատ տանջվել և կատարյալ ուժասպառ է եղել։ Դրա համար էլ ես սիրեցի այս նեգրին։ Կարող եմ ասել, ջենտլմեններ, որ այսպիսի նեգրը հազար դոլար արժե, ինչպես և արժանի է սիրալիր վերաբերմունքի։ Ինձ մոտ կար այն ամենը, ինչի կարիքն ունեի, և տղան խնամվում էր նույնքան լավ, որքան տանը, գուցեև ավելի լավ, որովհետև այնտեղ շատ խաղաղ էր։ Բայց ես մնացի այնտեղ, և երկուսն էլ իմ հսկողության տակ էին։ Սպասեցի գրեթե մինչև լուսաբաց։ Մեր մոտով անցավ մի նավակ։ Մեջը մի քանի մարդ կար։ Բարեբախտաբար, նեգրն այդ պահին նստած էր հարդանկողնու վրա, գլուխն իջեցրած ծնկներին ու խորը քնած։ Ես կամացուկ նշան արի նրանց, և նրանք աննկատ վրա պրծան, ամուր բռնեցին ու կապեցին, նախքան նա իմացավ, թե ինչ է տեղի ունենում, և մենք ոչ մի նեղություն չկրեցինք։ Տղան նույնպես քնած էր, թեև անհանգիստ։ Թիակները փաթաթեցինք շորով՝ ձայնը խլացնելու համար, լաստը կապեցինք նավակից և կամաց քաշեցինք դեպի քաղաք։ Նեգրը սկզբից մինչև վերջ ոչ մի բառ չարտասանեց և բոլորովին չդիմադրեց։ Նա վատ նեգր չէ, ջենտլմեններ, իմ կարծիքը նրա մասին այդ է։
 +
 +
Մեկն ասաց․
 +
 +
― Այո, պետք է ասել, որ այդ բոլորը շատ դուրեկան բաներ են։
 +
 +
Այնուհետև մյուսներն էլ մասամբ մեղմացան, և ես շատ շնորհապարտ մնացի այդ ծեր բժշկին Ջիմի մասին այդպես բարեխոսելու համար։ Ուրախ էի, որ բժշկի ասածները չէին տարբերվում Ջիմի մասին իմ ունեցած կարծիքից։ Ես միշտ էլ մտածել եմ, որ նա բարի սիրտ ունի։ Առաջին իսկ հանդիպումից նա ինձ վրա լավ մարդու տպավորություն է թողել։ Բոլորն էլ ընդունում էին, որ Ջիմը լավ է վարվել, արժանի է ուշադրության և պարգևատրման։ Բոլորը սրտանց խոստացան այլևս չհայհոյել նրան։
 +
 +
Ապա դուրս եկան հյուղակից ու փակեցին դուռը։ Ես հույս ունեի, թե շղթաներից մեկը կամ երկուսը կպակասեցնեն, որովհետև դրանք սարսափելի ծանր էին, կամ հացի ու ջրի հետ միս ու կանաչեղեն էլ կտան։ Բայց այդ մասին նրանք չմտածեցին, իսկ իմ միջամտությունը համարում էի սխալ։ Սակայն որոշեցի բժշկի պատմածները այս կամ այն ձևով հասցնել մորաքույր Սալլիին, հենց որ ազատվեի ինձ վրա խուժող ալիքներից ու ծանծաղուտ դուրս գայի, այսինքն՝ բացատրեի, թե ինչպես մոռացա հայտնել, որ Սիդը վիրավորված է, երբ, իբր թե, ես ու նա այդ ահավոր գիշերը մակույկ նստած որոնում էինք փախած նեգրին։
 +
 +
Բայց ես դրա համար շատ ժամանակ ունեի։ Մորաքույր Սալլին գիշեր֊ցերեկ չէր հեռանում հիվանդի սենյակից, և ամեն անգամ, երբ տեսնում էի հորեղբայր Սայլասին, ծլկում էի։
 +
 +
Հաջորդ առավոտյան լսեցի, որ Թոմը բավական լավացել է, և մորաքույր Սալլին գնացել է մի փոքր քնելու։ Ես ինձ գցեցի հիվանդի սենյակը, մտածելով, որ եթե նրան արթուն գտնեմ, ապա կկարողանանք մեր մեղքը քավող մի պատմություն հորինել։ Բայց նա հանգիստ քնած էր։ Դեմքը գունատ էր և այնպես չէր այրվում, ինչպես առաջին օրը, երբ բերին։ Նստեցի ու սպասեցի, մինչև արթնանար։ Մոտավորապես կես ժամ հետո մորաքույր Սալլին կամաց մտավ սենյակ, և ես նորից լուռ նստեցի ինչպես կոճղ։ Նա ձեռքի շարժումով ինձ հասկացրեց, որ ձայն չհանեմ, նստեց իմ կողքին ու սկսեց շշունջով ասել, որ մենք բոլորս այժմ կարող ենք ուրախ լինել․ բոլոր լավ նշանները կան։ Թոմը երկար ժամանակ այդպես հանգիստ քնած է և ավելի ու ավելի լավ է երևում։ Կարելի է վստահ ասել, որ կարթնանա լիովին սթափված։
 +
 +
Մենք նստած՝ դիտում էինք Թոմին։ Շուտով նա մի փոքր շարժվեց, շատ բնական ձևով բացեց աչքերը, նայեց շուրջն ու ասաց․
 +
 +
― Օ՜, տանն եմ ես։ Ինչպե՞ս եկա։ Որտե՞ղ է լաստը։
 +
 +
― Ամեն ինչ լավ է, ― ասացի ես։
 +
 +
― Իսկ Ջի՞մը։
 +
 +
― Նույնպես, ― ասացի ես, բայց ոչ հաստատ եղանակով։ Նա այդ չնկատեց ու ասաց․
 +
 +
― Լավ է, սքանչելի։ Այժմ մենք շատ լավ ենք ու ապահով։ Մորաքրեոջն ասացի՞ր։
 +
 +
Ուզում էի ասել «այո», բայց մորաքույրը մեջ ընկավ ու ասաց․
 +
 +
― Ինչի՞ մասին, Սիդ։
 +
 +
― Այն եղանակի մասին, որով կատարվեց այս ամբողջը։
 +
 +
― Ի՞նչը։
 +
 +
― Ամբողջ գործը, մեկից բացի, ուրիշ գործ չկա, պատմե՞ց, թե ինչպես փախած նեգրին ազատ արձակեցինք ես ու Թոմը։
 +
 +
― Տե՜ր աստված։ Ազատ արձակեցիք փախած․․․ Ինչի՞ մասին է այս երեխան խոսում։ Նորից զառանցում է, աստվա՜ծ իմ։
 +
 +
― Ոչ, չեմ զառանցում։ Ես հասկանում եմ, թե ինչի մասին եմ խոսում։ Մենք նրան ազատ արձակեցինք, ես ու Թոմը։ Մենք որոշել էինք, արեցինք և արեցինք արժանավայել ձևով։
 +
 +
Թոմն սկսեց պատմել, իսկ մորաքույրը երբեք չընդհատեց նրան։ Ամբողջ ժամանակ նստած ու աչքերը չռած, թույլ տալով, որ շարունակի։ Ես տեսնում էի, որ իմաստ չուներ մեջ ընկնել։
 +
 +
― Բայց, մորաքույր, այդ գործը մեզ վրա շատ ծանր նստեց։ Մենք աշխատեցինք շաբաթներով, ժամ առ ժամ, ամեն գիշեր, այն ժամանակ, երբ դուք բոլորդ քնած էիք։ Հարկ եղավ գողանալ մոմեր, սավան, շապիկ, ձեր զգեստը, գոգնոցներ, թիթեղյա ամաններ, սեղանի դանակներ, տապակ, ջրաղացքար, այլուր և բազմաթիվ  այլ բաներ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան չարչարվեցինք սղոցներ, տապակներ, մակագրություններ ու այս կամ այն բանը պատրաստելու համար։ Կիսով չափ էլ չեք կարող պատկերացնել, թե որքան զվարճալի էր այդ։ Հարկ եղավ դագաղների ու այլ բաների նկարներ պատրաստել, անանուն նամակներ գրել իբր թե ավազակների կողմից, շանթարգելով բարձրանալ վեր, իջնել ցած, դեպի հյուղակը ստորերկրյա ճանապարհ փորել, պարանից սանդուղք շինել և հասցնել Ջիմին կարկանդակի խմորի մեջ դրած, գդալներն ու այն իրերը, որոնցով աշխատելու էր նա, ուղարկում էինք ձեր գոգնոցի գրպանը դրած․․․
 +
 +
― Ողորմա՜ծ տեր։
 +
 +
― ․․․ մենք հյուղակը լցրել էինք առնետներով, օձերով ու այլ արարածներով, որ Ջիմն ընկերներ ունենա։ Դուք Թոմին այնքան պահեցիք այստեղ՝ կարագը գլխարկի մեջ, որ քիչ էր մնում ամբողջ գործը փչացնեինք, որովհետև մարդիկ հյուղակ եկան, երբ մենք այնտեղից դեռ չէինք հեռացել։ Ստիպված եղանք աճապարել, մեզ լսեցին, ընկան մեր ետևից, և ես էլ ստացա իմ բաժինը։ Մենք դուրս եկանք ճանապարհից և թույլ տվինք, որ նրանք առաջ անցնեն։ Իսկ շները, երբ եկան, մեզ ուշադրություն չդարձրին, վազեցին այն ուղղությամբ, որտեղ աղմուկը մեծ էր։ Մենք էլ նստեցինք մեր մակույկն ու թիավարեցինք դեպի լաստը, և ամեն ինչ ապահով էր, Ջիմը դարձավ ազատ մարդ։ Այդ բոլորը մենք արինք և ճարպկորեն կատարեցինք, չէ՞, մորաքույր։
 +
 +
― Իսկապես, իմ կյանքում նման բան երբեք չէի լսել։ Ուրեմն՝ դուք, փոքրիկ սրիկաներդ եք եղել այս ամբողջ նեղության պատճառը, բոլորին գժվեցնողները, մահվան աստիճանի վախեցնողները։  Այժմ ավելի քան երբևէ տրամադիր եմ հենց այս րոպեին ձեզ խելքի բերելու։ Պատկերացրու․ այստեղ քանի՜ գիշեր․․․ Սպասի՜ր, փոքրիկ անպիտան, լավացիր դեռ, ես ձեզ այնպես ջարդեմ, որ ձեր միջից սատանան դուրս գա։
 +
 +
Բայց Թոմն այնպես հպարտ և ուրախ էր, որ չէր կարող լեզուն փակել։ Խոսո՜ւմ էր ու խոսում, իսկ մորաքույրը բարկանում էր, իրեն կորցնում։ Երկուսն էլ խոսում էին միաժամանակ։ Կարծես կատուների ժողով լիներ։ Մորաքույրն ասաց․
 +
 +
― Լավ, հիմա դու լրիվ ուրախացիր արածիդ համար, բայց տես, եթե դու մեկ էլ խառնվես նրա գործին․․․
 +
 +
― Խառնվել ո՞ւմ գործին, ― ասաց Թոմը, ժպիտը թողնելով ու զարմացած նայելով նրան։
 +
 +
― Ո՞ւմ, փախած նեգրի գործին, հապա էլ ո՞ւմ։
 +
 +
Թոմը չափազանց լուրջ նայեց ինձ ու ասաց․
 +
 +
― Թոմ, հենց նոր չասացի՞ր, թե ամեն ինչ կարգին է։ Մի՞թե նա չի փախել։
 +
 +
― Նա՝ փախած նեգրը, ― ասաց մորաքույր Սալլին, ― իհարկե, չի փախել։ Նրան ողջ և առողջ ետ են բերել։ Նա նորից նույն հյուղակում է, տալիս են միայն հաց ու ջուր։ Շղթայակապ կմնա, մինչև տերը պահանջի կամ վաճառի աճուրդով։
 +
 +
Թոմն անմիջապես վեր ելավ, նստեց անկողնում, աչքերը բոցավառվեցին, ռունգերը խռիկների նման բաց ու խութ եղան։ Նա բարձրարաձայն գոչեց․
 +
 +
― Նրանք Ջիմին բանտարկելու իրավունք չունեն։ Շո՛ւտ, առանց մի րոպե կորցնելու շտապի՛ր և ազա՛տ արձակիր․ նա այլևս ստրուկ չէ, ազատ է, ինչպես ամեն արարած, որ քայլում է երկրի վրա։
 +
 +
― Ի՞նչ է դա նշանակում, տղաս։
 +
 +
― Այն, ինչ նշանակում է իմ ասած ամեն մի բառը, մորաքույր Սալլի։ Եթե ոչ ոք չկա, որ գնա ազատ արձակի նրան, ես կգնամ։ Ես գիտեմ նրա ամբողջ կյանքը, նույնպես և Թոմը։ Պառավ միսս Ուոթսոնը մեռավ երկու ամիս առաջ։ Նա ամաչում էր, որ ուզում էր Ջիմին գետով ուղարկել ցած ու վաճառել։ Նա այդպես էլ ասել էր և իր կտակում ազատություն է տվել Ջիմին։
 +
 +
― Այդ դեպքում, ինչո՞ւ էիր ուզում նրան ազատել, երբ գիտեիր, որ նա արդեն ազատ է։
 +
 +
― Ահա քեզ հարց, և դա որքա՜ն հատուկ է կանանց։ Ուզում էի միայն նրա համար, որ ես սիրում եմ արկածներ, և պատրաստ էի մինչև վիզս թաղվել արյան մեջ․․․ Ա՜խ, աստվա՜ծ իմ, մորաքույր Պո՜լլին։
 +
 +
Կործանվեմ, եթե այդ րոպեին մորաքույր Պոլլին չկանգնեց դռան շեմքին, բարեհամբույր ու գոհ, ինչպես հրեշտակը։
 +
 +
Մորաքույր Սալլին նետվեց ընդառաջ, և այնպես ամուր գրկեց գլուխը, որ քիչ էր մնում տեղից հաներ։ Սկսեց լաց լինել։ Ես ինձ համար մի հարմար տեղ գտա մահճակալի տակ։ Զգացի, որ մեր գլխին փոթորիկ է գալու։ Երբեմն թաքուն նայում էի նրանց։ Թոմի մորաքույր Պոլլին ազատվեց քրոջ գրկից և կանգնեց, ակնոցի վերևով այնպես նայելով Թոմին, կարծես ուզում էր փոշի դարձնել նրան։
 +
 +
― Այո, ավելի լավ է երեսդ շուռ տաս։ Քո տեղը լինեի, այդպես կանեի, Թոմ։
 +
 +
― Օ՜, աստվա՜ծ իմ, ― ասաց մորաքույր Սալլին, ― մի՞թե նա այնքան փոխվել է։ Չէ՞ որ սա Թոմը չէ, Սիդն է, Թոմը․․․ Թոմը հենց նոր այստեղ էր, ո՞ւր կորավ։
 +
 +
― Ուզում ես ասել, որտեղ է Հեք Ֆի՞ննը։ Կարծում եմ, ես այնպիսի մի անպիտանի, ինչպիսին Թոմն է, չեմ խնամել այսքան տարի, որպեսզի տեսնելիս չճանաչեմ։ Ա՜յդ էր պակաս։ Դո՛ւրս արի մահճակալի տակից, Հե՛ք Ֆինն։
 +
 +
Ես դուրս եկա։ Ընկճված էի զգում ինձ։
 +
 +
Մորաքույր Սալլին այնպես էր շփոթվել, որ ես իմ կյանքում այդ վիճակում ընկած մարդ չէի տեսել, բացի հորեղբայր Սայլասից, որն ավելի շփոթվեց, երբ ներս մտավ, և նրան պատմեցին ամեն ինչ։ Նա կարծես հարբել էր և օրվա մնացած ժամերին ոչինչ չկարողացավ հասկանալ։ Իսկ երեկոյան այնպիսի քարոզ կարդաց, որ մեծ համբավի արժանացավ․ ոչ ոք, նույնիսկ ամենածեր մարդը, ոչինչ չհասկացավ նրա ասածից։ Այսպիսով, Թոմի մորաքույր Պոլլին պատմեց նրանց, թե ով եմ ես։ Ստիպված եղա վեր կենալ և ասել, թե ինչպիսի նեղ դրության մեջ էի ընկել, երբ միսիս Ֆելփսն ինձ ընդունեց որպես Թոմ Սոյերի։ (Այստեղ միսիս Ֆելփսը ընդմիջեց ինձ ու ասաց․ «Օ՜, շարունակի՛ր ինձ մորաքույր Սալլի կոչել․ այժմ ես վարժվել եմ դրան և փոխելու կարիք չկա»)․․․ Երբ մորաքույր Սալլին ինձ ընդունեց որպես Թոմ Սոյերի, ինձ մնում էր համաձայնել դրան, ուրիշ ճար չկար։ Ես գիտեի, որ Թոմը դրանից չէր նեղանա, որովհետև դա, լինելով գաղտնիք, նրա համար նույնիսկ ցանկալի կլիներ։ Դրանից նա մի արկած դուրս կբերեր և կատարելապես գոհ կլիներ։ Այդպես էլ եղավ։ Նա թույլ տվեց, որ ինքը լինի Սիդ, և իմ գործը կարողացածի չափ մեղմացրեց։
 +
 +
Մորաքույր Պոլլին ասաց, որ Թոմն իրավացի է․ պառավ միսս Ուոթսոնը Ջիմին ազատություն է տվել։ Կտակում իրոք այդպես էլ գրված է։ Թոմ Սոյերն այս բոլոր նեղություններին ու տանջանքներին դիմել է միայն ազատագրված մի նեգր ազատելու համար։ Բայց ես ամբողջ ժամանակ, մինչև այդ զրույցի վերջը, չէի կարողանում հասկանալ, թե ինչպես Թոմ Սոյերն իր այդպիսի դաստիարակությամբ կարող էր օգնել մեկին մի նեգրի ազատելու համար։
 +
 +
Մորաքույր Պոլլին ասաց, որ երբ մորաքույր Սալլին գրել էր, թե Թոմն ու Սիդը ողջ֊առողջ տեղ են հասել, մտածեց․ «Ահա, թե ինչ։ Ես այդպես էլ սպասում էի, երբ թույլ տվեցի, որ նա անցնի այդ ճանապարհն առանց մեկի հսկողության»։
 +
 +
Եվ ինքը ստիպված է եղել գետի վրայով հազար հարյուր մղոն ճանապարհ անցնել նավով և իմանալ, թե այդ արարածն այժմ ինչով է զբաղված, քանի որ այդ մասին գրած ոչ մի նամակին պատասխան չի ստացել։
 +
 +
― Բայց ես քեզանից ոչ մի նամակ չեմ ստացել, ― ասաց մորաքույր Սալլին։
 +
 +
― Զարմանալի է, չէ՞ որ ես երկու անգամ գրեցի և հարցրի, թե ինչ է նշանակում «Սիդն այստեղ է»։
 +
 +
― Ես ոչ մի նամակ չեմ ստացել, քույրիկ։
 +
 +
Մորաքույր Պոլլին դանդաղ ու խոժոռված շուռ եկավ դեպի Թոմն ու կանչեց․
 +
 +
― Թո՛մ։
 +
 +
― Ի՞նչ, ― պատասխանեց Թոմը դյուրագրգիռ։
 +
 +
― Ինձ այդպես չպատասխանես, անամո՛թ․․․ Այստեղ տուր նամակները։
 +
 +
― Ի՞նչ նամակ։
 +
 +
― Այն նամակները։ Սպասի՛ր դու․․․
 +
 +
― Սնդուկում են։ Ոչ ոք ձեռք չի տվել, ստացված օրից ընկած են այնտեղ, չեմ էլ բացել։ Բայց ես գիտեի, որ դրանք նեղություն կտան մեզ և մտածեցի, որ եթե չես շտապում, ուրեմն․․․
 +
 +
― Քեզ պետք է այնքան ծեծել, որ կաշիդ պլոկվի, և դա սխալ չի լինի։ Բայց ես մի նամակ էլ գրեցի, որով նախազգուշացնում էի, թե գալիս եմ։ Ենթադրում եմ, որ դա․․․
 +
 +
― Ոչ, երեկ եկավ։ Դեռ չեմ կարդացել, բայց ինձ մոտ է, ստացել եմ։
 +
 +
Ուզում էի երկու դոլարի վրա գրազ գալ, որ մոտը չէ, բայց մտածեցի, որ գուցե լռելն ավելի ապահով է, և ոչինչ չասացի։
 +
 +
 +
==Վերջին գլուխ==
 +
 +
 +
Առաջին անգամ, երբ ես ու Թոմը մենակ էինք, հարցրի, թե ի՞նչ էր մտածում նա, երբ կազմակերպեց այդ փախուստը, ի՞նչ էր ծրագրել անել հետագայում, եթե փախուստը հաջող անցներ, և ինքը ազատած լիներ մի նեգրի, որը մինչև այդ արդեն ազատված էր։ Եվ նա ասաց, թե սկզբում ինչ էր ծրագրել գլխում, եթե ապահով դուրս բերեինք Ջիմին։ Մենք պետք է լաստով նրան տանեինք ներքև, մինչև գետաբերանը, որպես արկածային զվարճություն, ապա հայտնեինք, որ նա ազատ է, հանդիսավոր կերպով շոգենավով ետ բերեինք կորցրած ժամանակի համար, նախապես գրեինք տուն և հավաքեինք շրջակայքի նեգրերին, որ դիմավորեին և առաջնորդեին քաղաք՝ ջահերով ու երաժշտությամբ։ Նա կդառնար հերոս, մենք ևս հերոսներ կդառնայինք։ Բայց, իմ կարծիքով, առանց այդ էլ ամեն ինչ նույնքան լավ էր։
 +
 +
Մենք Ջիմին անմիջապես ազատեցինք շղթաներից, և երբ մորաքույր Պոլլին, հորեղբայր Սայլասն ու մորաքույր Սալլին իմացան, թե նա որքան լավ էր օգնել բժշկին՝ Թոմին խնամելիս, մեծ աղմուկ բարձրացրին։ Տեղավորեցին հարգ ու պատվով, տալիս էին լավագույն ուտելիքները, աշխատում էին այնպես անել, որ չձանձրանա, ոչ մի գործ չանի։ Մենք նրան տարանք հիվանդի սենյակը և լրջորեն խոսեցինք։ Թոմը նրան քառասուն դոլար տվեց՝ այդքան համբերատար կերպով մեր բանտարկյալը լինելու և հանձնարարված պարտականություններն այնքան լավ կատարելու համար։ Ջիմն անսահման ուրախ էր, նրա ձայնալարերը բացվեցին, և նա ասաց․
 +
 +
― Ահա, Հեք, ի՞նչ ասացի քեզ, ի՞նչ ասացի, երբ Ջեքսոնի կղզում էինք․ ասացի, որ մազոտ կուրծ ունեմ և ինչի՛ նշան է դա։ Ասացի, որ մի անգամ հարուստ եղել եմ և նորից կհարստանամ։ Եվ դա ճիշտ դուրս եկավ։ Ահա այդ հարստությունը, էլ չխոսես։ Նշանը նշան է, հիշիր խոսքերս։ Ես նույնքան համոզված էի, որ կհարստանամ, որքան հավատում եմ, որ այս րոպեին կանգնած եմ ասյտեղ։
 +
 +
Ապա Թոմը խոսե՜ց, խոսե՜ց։ Ասաց, որ մենք երեքով մոտ օրերս, գիշերով կծլկենք այստեղից, լավ կպատրաստվենք ու երկու շաբաթով կամ մեկ ամսով կփախչենք հնդկացիների կողմերը, արկածներ որոնելու։ Ես տվեցի իմ համաձայնությունը, բայց ասացի, որ պատրաստություններ տեսնելու, հագուստներ գնելու համար փող չունեմ։ Տնից էլ հազիվ թե ստանամ, որովհետև հայրս վաղուց վերադարձած, դատավոր Թեչըրից ստացած կլինի իմ փողը և ամբողջովին խմած, վատնած կլինի։
 +
 +
― Ո՛չ, չի ստացել, ― ասաց Թոմը, ― ամբողջ փողն իր տեղում է՝ վեց հազար դոլար, նույնիսկ ավելի։ Բացի այդ, հայրդ դեռ չի վերադարձել։ Համենայն դեպս, երբ ես եկա, չէր վերադարձել։
 +
 +
Ջիմը մի տեսակ հանդիսավոր լուրջ եղանակով ասաց․
 +
 +
― Նա այլևս հետ չի գա, Հե՛ք։
 +
 +
― Ինչո՞ւ, Ջիմ, ― ասացի ես։
 +
 +
― Պատճառը հետաքրքիր չէ, Հեք, բայց այլևս ետ չի գա։
 +
 +
Ես շարունակեցի հարց ու փորձ անել այնքան, մինչև նա վերջապես ասաց․
 +
 +
― Հիշո՞ւմ ես այն տունը, որ լողալով իջնում էր ջրի հետ։ Մեջը ծածկված մի մարդ կար։ Երբ ես մտա ներս, բաց արեցի դեմքը, չթողեցի, որ դու ներս գաս։ Դե՛հ բավական է, դու կարող ես դրամն ստանալ, երբ ուզենաս․ այդ մարդը նա էր։
 +
 +
Թոմն արդեն լավացել էր և գնդակը ժամացույցի շղթային ամրացրած կախել էր վզից որպես ժամացույց և միշտ նայում էր, թե ժամը քանի՞սն է։ Այսպիսով, այլևս ոչինչ չկա, որի մասին գրեմ և անչափ ուրախ եմ դրա համար։ Եթե իմանայի, թե ինչ գլխացավանք է գիրք գրելը, երբեք չէի ձեռնարկի, ոչ էլ այսուհետև կձեռնարկեմ։ Բայց կարծում եմ, ես ավելի շուտ կթռչեմ հնդկացիների կողմերը, քան մյուսները, որովհետև մորաքույր Սալլին պատրաստվում է որդեգրել և քաղաքակրթել ինձ, իսկ ես չեմ դիմանա դրան․ նրա մոտ արդեն եղել եմ։
 +
  
  

Ընթացիկ տարբերակը 20:00, 26 Հունվարի 2016-ի դրությամբ

Հեքլբերի Ֆիննի արկածները

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Ս․ Ալիմյան


Բովանդակություն

Գլուխ առաջին

Դուք ինձ չեք ճանաչի, եթե չեք կարդացել «Թոմ Սոյերի արկածները»։ Բայց դա կարևոր չէ։ Գիրքը գրել է միստր Մարկ Տվենը և ընդհանրապես ասել է ճշմարտությունը։ Փչոց էլ կա, բայց թե իրողությունն ավելի շատ է։ Ոչինչ։ Ես երբևէ չեմ տեսել մի մարդ, որն այս կամ այն դեպքում սուտ խոսած չլինի, բացի մորաքույր Պոլիից և այրուց, մեկ էլ գուցե Մերիից։ Մորաքույր Պոլիի՝ Թոմի մորաքրոջ, Մերիի, այրի Դուգլասի մասին ամեն ինչ ասված է այս գրքում, և մեծ մասամբ ճիշտ, միայն թե որոշ չափով փչոց կա, ինչպես ասացի վերևում։

Գիրքը վերջանում է այսպես։ Թոմն ու ես գտանք այն դրամը, որ ավազակները պահել էին քարանձավում, և հարստացանք։ Ամեն մեկիս բաժին ընկավ վեց հազար դոլար, զուտ ոսկի։ Երբ դրամը կիտեցինք, ահագին բան ստացվեց։ Դատավոր Թեչըրը վերցրեց ամբողջը, բանկում պահ տվեց, և դա կլոր տարին ամեն մեկիս բերում էր օրը մեկ դոլար եկամուտ, ավելին, քան մեզ պետք էր։ Այրի Դուգլասը որդեգրեց ինձ և խոստացավ դաստիարակել։ Բայց տաժանելի էր ամբողջ ժամանակ տանը մնալ, մանավանդ, երբ տեսնում էի, թե այրին որքան խստաբարո և ճշտապահ էր ամեն բանում։ Այդ պատճառով էլ հենց որ զգացի՝ այլևս չեմ դիմանա, ծլկեցի։ Նորից նախկին ցնցոտիների մեջ էի, նորից սողոսկում էի շաքարի տակառի մեջ, ազատ էի ու գոհ։ Բայց Թոմ Սոյերն ինձ գտավ, ասաց, որ ավազակախումբ է կազմում, և որ կարող եմ միանալ այդ խմբին, եթե վերադառնամ այրու մոտ ու ինձ լավ պահեմ։ Եվ ես ետ եկա։

Այրին հուզմունքից լաց եղավ։ Ինձ անվանեց խեղճ, կորած գառնուկ և ուրիշ շատ անուններ տվեց, բայց առանց հիշաչարության։ Նա ինձ դարձյալ նոր շորեր հագցրեց, և ես, քրտնելուց բացի, ուրիշ ոչինչ չէի կարող անել։ Կարծես կաղապարի մեջ լինեի։ Նորից սկսվեց հին կյանքը։ Այրին տալիս էր ընթրիքի զանգը։ Ուշանալ չէր կարելի։ Սեղանին մոտենալիս չէր թույլատրվում անմիջապես ուտել․ պետք էր սպասել այրուն, որը կախում էր գլուխն ու մի փոքր մրթմրթում ուտելիքի վրա, թեև, իհարկե, ոչ մի պատճառ չկար։ Այսինքն՝ կերակուրը վատ չէր, միայն թե ամեն ինչ առանձին֊առանձին էր եփած։ Կերակրի մնացորդների ու տարօրինակ կտորտանքների տակառիկում դրությունը այլ է․ այնտեղ ամեն ինչ խառնվում է իրար, հյութանման բաները միանում են, և լավ է ստացվում։

Ընթրիքից հետո նա վերցրեց գիրքը, սկսեց ինձ համար կարդալ Մովսեսի ու եղեգնուտի մասին, և ես, այդ բոլորը լսելով, հետաքրքրությունից քրտնեցի։ Բայց շուտով նա անուշադրությամբ ասաց, որ Մովսեսը վաղուց, շատ վաղուց մեռել է։ Ես այլևս չմտահոգվեցի նրանով, քանի որ մեռած մարդիկ ինձ չեն հետաքրքրում։

Շուտով ծխելու ցանկություն զգացի և այրուց թույլտվություն խնդրեցի։ Բայց նա արգելեց։ Ասաց, թե դա վատ է, կեղտոտ սովորություն է, և ես պետք է աշխատեմ նման բաներ այլևս չանել։ Ա՛յ թե ինչպիսի մարդիկ են լինում։ Խառնվում են մի գործի, որից ոչինչ չեն հասկանում։ Ահա այս այրին․ մարդկանց ձանձրացնում է Մովսեսից խոսելով, երբ Մովսեսը[1] ազգակցական ոչ մի կապ չունի իր հետ և ոչ ոքի էլ պետք չէ, քանի որ այլևս չկա, ինչպես տեսնում եք։ Ծխելն իմ կողմից հանցանք է համարում, չնայած դա ինձ դուր է գալիս։ Այնինչ ինքը քթախոտ է քաշում, և դա, իհարկե, միանգամայն ճիշտ է, որովհետև ինքն է քաշողը։

Նրա քույրը՝ միսս Ուոթսոնը, չոր ու ցամաք, ակնոցավոր մի լեդի, հենց այդ ժամանակ տեղափոոխվեց այրու մոտ՝ միասին ապրելու։ Ինչ֊որ այբբենարան ձեռքին՝ նա անմիջապես մոտեցավ ինձ ու մի ամբողջ ժամ բաց չթողեց, մինչև, ի վերջո, այրին ասաց, թե պետք է հանգստանալ։ Ես չէի էլ կարող ավելի երկար դիմանալ։ Ապա մի ամբողջ ժամ տիրեց սպանիչ տաղտկություն, և ես սկսեցի անհանգիստ շարժումներ անել։ Միսս Ուոթսոնը շարունակ ասում էր․ «Ոտքդ այդտեղ մի՛ դիր, Հեքլբերի» կամ «Այդպես մի՛ ճռճռացնի աթոռը, Հեքլբերի, ուղիղ նստիր»։ Կամ «Մի՛ հորանջիր և այդպես մի՛ ձգվիր», «Հեքլբերի, ինչո՞ւ չես կարողանում քեզ կարգին պահել։

Նա ինձ պատմեց դժոխքի մասին, ես էլ ասացի, թե երանի՜ այնտեղ լինեի։ Այս խոսքի վրա նա կատաղեց, թեև ոչ մի վատ բան մտքովս չէր անցնում․ միայն ուզում էի պրծնել այդտեղից, միայն թե փոփոխություն կատարվեր իմ կյանքում։ Իսկ թե ուր կգնայի, միևնույն էր։ Միսս Ուոթսոնն ասաց, որ անզգամություն է այդպես խոսելը, որ ինքն այդպիսի բան երբեք չէր ասի, եթե նույնիսկ ամբողջ աշխարհն իրեն տային։ Իր ասելով՝ ինքն այնպիսի կյանք է վարելու, որ դրախտ գնա։ Բայց ես մտածում էի, թե ի՞նչ նպատակ ունի գնալ այնտեղ, ուր նա է գնալու։ Ուստի ինձուինձ որոշեցի իզուր չչարչարվել։ Բայց ոչինչ չասացի․ ոչ մի լավ բան չէր կարելի սպասել, բացի անախորժությունից։

Հետո նա սկսեց իր խրատները, խոսեց, խոսեց, երկար֊բարակ պատմեց դրախտի մասին, ասաց, որ այնտեղ ոչ մի անելիք չկա, մնում է, որ ամբողջ օրը անցկացնես զբոսնելով, տավիղ նվագելով ու երգելով, և այդպես հավիտյան։ Ինձ այդ բաները շատ չէին մտահոգում, բայց ոչինչ չասացի։ Միայն հարցրի, թե իր հաշվով Թոմ Սոյերն էլ այնտեղ կգնա՞, և նա որոշակիորեն ասաց․ «Ոչ, երբե՛ք»։ Այդ պատասխանն ինձ շատ ուրախացրեց․ ուզում էի, որ ես ու Թոմը միասին լինենք։

Միսս Ուոտթսոնը շարունակեց ինձ կտցահարել, և դա ավելի ու ավելի էր ձանձրացնում։ Ինձ զգում էի մենակ ու տխուր։ Շուտով ներս կանչեցին նեգրերին և աղոթեցին։ Այնուհետև բոլորը գնացին քնելու։ Ես, մի կտոր մոմ բռնած, գնացի իմ սենյակը, մոմը դրի սեղանին։ Ապա նստեցի աթոռին, պատուհանի դիմաց և փորձեցի մտածել ուրախ բաների մասին, բայց իզուր։ Ինձ այնպես մենակ ու տխուր էի զգում, որ ուզում էի մեռնել։ Աստղերը շողում էին, անտառում ողբաձայն սոսափում էին տերևները։ Ես լսում էի հեռվից եկող բվի կռինչը․ վայում էր ինչ֊որ մեկի՝ գուցե արդեն մեռածի համար։ Խոլոմուկ թռչունը ճչում էր, իսկ մի շուն ոռնում էր կյանքի վերջին ժամերն ապրող ինչ֊որ մեկի համար։ Քամին ականջիս ինչ֊որ բան էր շշնջում․ թե ինչ, ես չէի կարող հասկանալ, բայց սառը դող էր անցնում մարմնովս։ Ապա հեռվից, անտառի խորքից, լսեցի այնպիսի մի ձայն, որը ուրվականն է հանում, երբ ուզում է հայտնել իր մտադրությունը, բայց չի կարողանում խոսել։ Այդ է պատճառը, որ չի կարողանում հանգիստ ննջել գերեզմանում և ամեն գիշեր այդպես դուրս է գալիս, թափառում ու ողբում։ Այնպե՜ս հուսալքված էի ու ահաբեկված, այնպե՜ս էի ուզում, որ մեկը մոտս լիներ, մի ընկեր ունենայի։ Հանկարծ մի սարդ վազեց ուսիս վրայով։ Ես մատներով բռնեցի ու այրեցի մոմի բոցի վրա։ Մինչև կարողացա ուշքի գալ, սարդն ամբողջությամբ կուչ եկավ, կնճռոտվեց։ Առանց մեկ ուրիշի ասելու էլ գիտեի, որ դա սարսափելի վատ նշան է և գլխիս փորձանք կբերի։ Այնպես զարհուրեցի, որ շորերս հանեցի ու դեն շպրտեցի։ Վեր կացա և երեք անգամ կրունկներիս վրա պտտվեցի, ամեն անգամ երեսս խաչակնքելով։ Մազերիցս մի փունջ կապեցի թելով՝ կախարդներին ինձնից հեռու պահելու համար, թեև դրան չէի հավատում։ Այդ կարելի է անել, երբ մեկը գտած պայտը դռան վրա ամրացնելու փոխարեն կորցնում է։ Բայց երբեք չէի լսել, թե սարդը սպանելը դժբախտությունից հեռու մնալու միջոց է։

Նորից նստեցի։ Ամբողջ մարմնով ցնցվում էի։ Վերցրի ծխամորճս․ տանը մեռելային լռություն էր տիրում, և այրին ոչինչ չէր իմանա։ Անցավ երկար ժամանակ, ապա լսեցի հեռվում քաղաքային ժամացույցի զարկերը՝ բո՛ւմ, բո՛ւմ, բո՛ւմ։ Տասներկու անգամ։ Նորից ամեն ինչ խաղաղվեց, ավելի քան երբևէ։ Շուտով մթության միջից լսեցի ներքևի ծառերից մեկի կոտրվող ճյուղի ձայնը։ Լուռ նստած՝ ունկնդրում էի։ Շուտով ականջիս հասավ հազիվ լսելի մի ձայն «մյաո՜ւ մյաո՜ւ»։ Կարծես կատու էր մլավում։ Լավ է, ասացի ու ինքս էլ կրկնեցի նույն «մյաու, մյաուն», որքան կարող էի մեղմ։ Այնուհետև հանգցրի մոմը, պատուհանից սողոսկեցի մարագը, սահեցի դուրս և սողալով հաստ ծառերին։ Անկասկած, դա Թոմ Սոյերն էր, որ ինձ էր սպասում։


Գլուխ երկրորդ

Ծառերի միջով անցնող շավղով, ոտքներիս ծայրերին հենված՝ գնացինք այրու պարտեզի ծայրը։ Շարժվում էինք կռացած, որպեսզի ճյուղերը մեր գլուխները չճանկռեն։ Խոհանոցի մոտով անցնելիս ոտքս դեմ առավ մի արմատի, և վայր ընկա։ Թխկոց լսվեց։ Կուչ եկանք ու լուռ նստեցինք։ Միսս Ուոթսոնի հաղթանդամ նեգրը, որի անունը Ջիմ էր, նստած էր խոհանոցի դռանը․ մենք նրան բավական պարզ տեսնում էինք, որովհետև դռան հետևում լույս կար։ Նա վեր կացավ ու վիզը երկարացնելով՝ լարեց լսողությունը․

― Ո՞վ է։

Նա մի քիչ էլ ականջ դրեց, ապա ոտքերի մատներին հենված՝ մոտեցավ, կանգնեց ուղիղ մեր արանքում։ Մենք գրեթե կարող էինք նրան շոշափել։ Այսպես երևի րոպեներ անցան, և ոչ մի ձայն չլսվեց, թեև իրար այնքան մոտ էինք կանգնած։ Ոտքիս կոճի մոտ սկսեց քոր գալ, բայց ես չհամարձակվեցի քորել։ Շուտով ականջս էլ քոր եկավ, թիկունքս էլ՝ ուսերիս մեջտեղը։ Այնպիսի վիճակում էի, որ եթե չքորեի, կմեռնեի։ Հետագայում էլ այդ բանը մի քանի անգամ նկատել եմ։ Եթե դուք հարգարժան մարդկանց շրջապատում եք կամ հուղարկավորության եք գնացել, կամ փորձում եք քնել, երբ ձեր քունը չի գալիս, մի խոսքով, եթե այնպիսի մի տեղում եք, որ քորել հնարավոր չէ, միանգամից հազար տեղ քոր կգա։

Շուտով Ջիմն ասաց․

― Ասացեք, ովքե՞ր եք։ Որտե՞ղ եք։ Անիծվեմ, եթե ձայն չեմ լսել։ Լավ, ես գիտեմ, թե ինչ կանեմ, կնստեմ այստեղ, մինչև նորից լսեմ։

Եվ նա նստեց գետնին, իմ ու Թոմի արանքում, մեջքը հենեց մի ծառի և ոտքերը պարզեց այնքան, որ մի ոտքը հասավ իմ ոտքին։ Քիթս էլ սկսեց քոր գալ՝ այնպես, որ աչքերս լցվեցին արտասուքով։ Բայց չքորեցի։ Հետո քթիս մեջ սկսեց քոր գալ, հետո էլ՝ քթիս տակը։ Չգիտեի, թե ինչ անեմ, որ հանգիստ նստեմ։ Այս դժբախտությունը շարունակվեց վեց֊յոթ րոպե, բայց ինձ ավելի երկար թվաց։ Այժմ քոր էր գալիս տասնմեկ տեղ։ Թվում էր, թե այլևս ոչ մի րոպե չեմ կարող դիմանալ։ Ատամներս սեղմել էի իրար և փորձում էի զսպել ինձ։ Հենց այդ ժամանակ Ջիմի շնչառությունը ծանրացավ, նա խռմփաց, քորն էլ շուտով անցավ։ Թոմը հազիվ լսելի ձայնով ինձ նշան արեց, և մենք թաթերի ու ծնկների վրա սողալով՝ հեռացանք։ Երբ արդեն տասը ոտնաչափ հեռացել էինք, Թոմը շշնջաց ականջիս, թե կատակի համար Ջիմին ուզում է կապել ծառից։ Բայց ես առարկեցի․ նա կարող էր արթնանալ, աղմուկ բարձրացնել և կիմանային, որ ես ներսում չեմ։ Հետո Թոմն ասաց, որ իր մոտ շատ մոմ չկա, ուզում է մտնել խոհանոց և մի քանի հատ վերցնել։ Ես չէի ուզում, որ նա այդպիսի փորձ կատարեր․ ասացի, թե Ջիմը կարող է արթնանալ և ներս գալ։ Թոմը չուզեց այդ վտանգավոր քայլից հրաժարվել։ Մտանք խոհանոց և վերցրինք երեք մոմ։ Թոմը, որպես վճար, սեղանին դրեց հինգ ցենք։ Դուրս եկանք։ Ես անհամբեր ուզում էի հեռանալ, բայց ոչ մի կերպ հնարավոր չեղավ Թոմին ետ պահել իր կատակից։ Նա ուզում էր թաթերի ու ծնկների վրա սողալով մոտենալ Ջիմին և գլխին մի խաղ խաղալ։ Սպասեցի, և դա ինձ շատ երկար թվաց։ Ամեն ինչ խաղաղ էր, լուռ ու տխուր։

Հենց որ Թոմը վերադարձավ, մենք շարժվեցինք այգու ցանկապատի երկարությամբ անցնող շավղով և շուտով հասանք տան հետևի զառիթափ բլրի գագաթը։ Թոմն ասաց, որ ինքը Ջիմի գլխարկը հանել է և կախել նրա գլխավերևի ոստից։ Այդ ժամանակ Ջիմը մի փոքր շարժվել է, բայց չի արթնացել։

Հաջորդ օրը Ջիմը պատմում էր, թե վհուկներն իրեն կախարդել են, հեծած շրջել նահանգով մեկ և ապա նորից բերել ծառի տակ, գլխարկն էլ ոստից կախել, որպեսզի ցույց տան, թե ով է այդ արել։ Մի այլ անգամ նա պատմեց, թե իրեն հեծած՝ քշել են Նոր Օռլեան։ Այնուհետև, ամեն անգամ նորից պատմելիս, հեռավորությունն ավելի ու ավելի մեծացնում էր, մինչև ասաց, թե իրեն հեծած՝ շրջել են ամբողջ աշխարհը և մեռցնելու չափ հոգնեցրել, իսկ մեջքը թամբից ամբողջովին ծածկվել է բշտիկներով։ Ջիմն անչափ հպարտանում էր դրանով և այնպիսի տրամադրության մեջ էր, որ հազիվ թե մյուս նեգրերին նկատեր։ Նեգրերը մղոններ անցնելով, գալիս էին մոտը, լսում այդ պատմությունը, և այժմ նրան ավելի էին հարգում, քան այդ կողմերում բնակվող որևէ այլ նեգրի։ Անծանոթ նեգրերը բերանները բաց կանգնում ու վերից֊վար նայում էին Ջիմին, կարծես նա հրաշք լիներ։ Նեգրերը միշտ խոհանոցի կրակի առջև նստած՝ մթության մեջ կախարդների մասին էին խոսում։ Հենց որ մեկը խոսեր և անդրադառնար այս հարցերին, Ջիմը պատահաբար ներս կմտներ ու կասեր․ «Հը՛մ, դուք ի՞նչ գիտեք կախարդների մասին», և խոսող նեգրը սսկվում էր ու մի կողմ քաշվում։ Ջիմի վզից միշտ թելով կախած էր լինում այն հինգ սենտանոց դրամը, որ Թոմն էր թողել խոհանոցում։ Նա ասում էր, թե դա թալիսման է․ սատանան իրեն տվել է սեփական ձեռքով և ասել, որ ինքը՝ Ջիմը, դրանով կարող է բուժել ամեն մեկին, ինչպես նաև այդ դրամին դիմելով՝ կարող է կախարդներին հավաքել իր շուրջը։ Բայց երբեք չէր հայտնում, թե ինչ էր ասում թալիսմանին։ Նեգրերն ամեն կողմից գալիս էին ու իրենց վերջին ունեցվածքը տալիս Ջիմին, միայն թե տեսնեին այդ հինգ ցենտանոց դրամը, բայց նրանք դա շոշափելու իրավունք չունեին, որովհետև սատանայի ձեռք էր դիպել դրան։ Ջիմն այժմ որպես ծառա անպետքացել էր․ շատ էր գոռոզացել, որ սատանա էր տեսել, և կախարդները հեծել էին իրեն ու քշել աշխարհով մեկ։

Այսպես, երբ Թոմն ու ես հասանք բլրի գագաթը և նայեցինք ներքև՝ գյուղին, պատուհաններից կարողացանք միայն տեսնել երեք֊չորս լույս։ Հավանորեն այդ տներում հիվանդ կար։ Մեր վերևում պայծառ շողում էին աստղերը։ Գյուղի տակով անցնում էր գետը՝ մեկ մղոն լայնությամբ, հոյակապ և միաժամանակ երկյուղալի։ Բլրից ցած իջանք և գտանք Ջո Հարպըրին, Բեն Ռոջերսին ու երկու֊երեք այլ տղաների, որ թաքնվել էին հին կաշեգործարանում։ Մենք արձակեցինք մի նավակ, գետով երկու և կես մղոն իջանք ներքև, մինչև բլրի ստորոտի գետեզրյա մեծ փլվածքն ու դուրս եկանք ափ։

Շարժվեցինք դեպի թփուտները։ Թոմը բոլորիս ստիպեց երդվել, որ գաղտնապահ կլինենք, ապա ցույց տվեց բլրի մեջ, թփուտների ամենախիտ մասում բացված մի անցք։ Վառեցինք մոմերը և թաթերի ու ծնկների վրա սողացինք ներս։ Այսպես գնացինք երկու հարյուր յարդ։[2] Հետո քարանձավի անցքը լայնացավ։ Թոմն այդ անցքերում ինչ֊որ բան էր որոնում և շուտով մտավ մի պատի տակ, որտեղ եղած անցքը ոչ ոք չէր նկատի։ Մենք սողեսող շարժվեցինք նեղ անցքով և հասանք մի խուց՝ ամբողջովին խոնավ, թաց ու ցուրտ։ Այդտեղ էլ կանգ առանք։ Թոմն ասաց․

― Այժմ կհիմնենք մի ավազակախումբ, որը կանվանենք «Թոմ Սոյերի հրոսախումբ»։ Ամեն ոք, եթե ուզում է միանալ մեզ, պետք է երդվի և իր անունը գրի արյունով։

Բոլորն էլ ուզում էին։ Թոմը բերեց մի թերթիկ, որի վրա գրել էր երդումը, և կարդաց։ Պահանջվում էր, որ յուրաքանչյուր տղա սերտորեն կապված լինի խմբի հետ և ոչ մի գաղտնիք ուրիշի չհայտնի։ Եթե մեկը վնաս տա խմբի տղաներից մեկին, ապա այն տղան, որին կհանձնարավի սպանել այդ վնաս տվողին ու նրա ընտանիքի անդամներին, պետք է ո՛չ ուտի, ո՛չ քնի, քանի դեռ չի սպանել բոլրորին և նրանց կրծքին խաչ չի քաշել իբրև խմբի նշան։ Ոչ ոք իրավունք չուներ օգտագործելու այդ նշանը, եթե Թոմի խմբին չէր պատկանում։ Եթե մեկնումեկը համարձակվեր այդ բանն անել, նրան պետք է հետապնդեին, իսկ եթե կրկներ՝ սպանեին։ Եթե խմբի անդամներից մեկնումեկը որևէ գաղտնիք հայտներ, նրա վիզը պետք է կտրեին, մարմինն այրեին ու մոխիրը շաղ տային, անունը արյունով ջնջեին ցուցակից և երբեք չհիշեին նրան, անիծեին ու ընդմիշտ մոռանային։

Բոլորն ասացին, որ դա իսկական, գեղեցիկ երդում է, և Թոմին հարցրին, թե դա ի՞նքն է հորինել։ Թոմը պատասխանեց, թե մի մասը իրենն է, մնացածը վերցրել է ծովահենների ու ավազակների մասին գրված գրքերից․ չէ՞ որ կանոնավոր գործող ամեն խումբ ունի նման երդմնագիր։

Մի քանիսին թվում էր, թե լավ կլինի սպանել այն տղաների ընտանիքի անդամներին, որոնք գաղտնիքը կհայտնեն։ Թոմն ասաց, որ դա վատ միտք չէ, մատիտը վերցրեց և դա էլ ավելացրեց։

Ապա Բեն Ռոջերսն ասաց․

― Բա որ Հեք Ֆիննը ընտանիք չունի՞, այս դեպքում ի՞նչ ենք անելու։

― Չէ՞ որ նա հայր ունի, ― ասաց Թոմ Սոյերը։

― Այո, հայր ունի, բայց այս օրերին նրան երբեք չեք կարող գտնել։ Նա սովորաբար հարբած թավալվում էր կաշեգործարանի բակում, խոզերի հետ, բայց մեկ տարուց ավելի է, ինչ այս կողմերում չի երևացել։

Նրանք քննարկեցին այս հարցը և պատրաստվում էին ջնջել իմ անունը, որովհետև ասում էին, թե ամեն մի տղա պետք է ծնող կամ որևէ մերձավոր ունենա, որին հարկ եղած դեպքում սպանեն, այլապես դա մյուսների նկատմամբ արդարացի չի լինի։ Բայց նրանցից ոչ մեկը չէր կարողանում ասել, թե ինչ որոշեն։ Բոլորն էլ կոճղերի պես լուռ ու մունջ կանգնած էին։ Քիչ էր մնում լաց լինեի, բայց հանկարծ մի բան հիշեցի։ Տվեցի միսս Ուոթսոնի անունը․ հարկ եղած դեպքում կարող էին նրան սպանել։ Բոլորն ասացին․

― Օ՜, հարմար է։ Շա՜տ հարմար է։ Կարելի է Հեքին ընդունել։

Այնուհետև բոլորն ասեղով ծակեցին իրենց մատները, որպեսզի արյունով ստորագրեն երդմնագիրը։ Ես էլ իմ նշանը դրի թղթի վրա։

― Այժմ, ― ասաց Բեն Ռոջերսը, ― ի՞նչ է լինելու այս խմբի անելիքը։

― Ոչինչ, միայն կողոպուտ և սպանություն, ― պատասխանեց Թոմը։

― Բայց ո՞ւմ ենք կողոպտելու, տնե՞ր, թե՞ անասուններ ենք գողանալու, թե՞․․․

― Ի՞նչ դատարկ բան ես ասում․ անասուն գողանալը ու նման բաները կողոպուտ չեն։ Դրանք գողություններ են, ― ասաց Թոմը, ― իսկ մենք գողեր չենք։ Մեր գործունեության ոճը այդ չէ։ Մենք ավազակներ ենք։ Մենք դիմակներ հագած կանգնեցնում ենք մեծ ճանապարհի փոխադրակառքերն ու ուղեկառքերը, սպանում մարդկանց և վերցնում նրանց ժամացույցներն ու դրամը։

― Միշտ պետք է մարդկանց սպանե՞լ։

― Այո, իհարկե, ամենալավն այդ է։ Մի քանի հեղինակավոր մարդիկ այլ կերպ են մտածում, բայց մեծ մասամբ ամենից հարմարը սպանելն է, բացի այն սակավաթիվ դեպքերից, երբ նրանց կարելի է քարանձավ բերել և պահել այնքան, մինչև փրկագին կստանանք։

― Փրկագի՞ն, ի՞նչ բան է փրկագինը։

― Չգիտեմ, բայց այդպես են անում։ Կարդացել եմ գրքերում, և մենք էլ, իհարկե, պետք է այդպես վարվենք։

― Բայց դա ինչպե՞ս կարող ենք անել, երբ չգիտենք, թե ինչ է։

― Է՛հ, գրողը տանի։ Գիտենանք էլ, չգիտենանք էլ, անելու ենք։ Չասացի՞, թե այդ մասին գրված է գրքերում։ Մի՞թե ուզում ես այնպիսի բան անել, որը տարբերվի գրքում գրածից և ամեն ինչ խառնվի։

― Է՛հ, լավ է այդպես խոսելը, Թոմ Սոյեր, բայց ինչպե՞ս են փրկագնով ազատվելու, եթե մենք չգիտենք, թե դա ինչպես է արվում։ Ես հենց այդ եմ ուզում իմանալ։ Դու ի՞նչ ես կարծում, ի՞նչ բան է դա։

― Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ։ Բայց, գուցե, պահել նրանց մինչև փրկագին ստանալը նշանակում է պահել մինչև նրանք մեռնեն։

― Այժմ ասածդ մի բանի նման է․ մեր օգտին է։ Բայց ինչո՞ւ սկզբից այդպես չէիր բացատրում։ Դա նշանակում է, մենք նրանց պահելու ենք այնքան, մինչև փրկվեն մեռնելով։ Թե չէ նրանք մեզ նեղություն կտան, ամեն ինչ կուտեն և միշտ կաշխտեն փախչել։

― Ինչե՜ր ես ասում, Բեն Ռոջերս։ Ինչպե՞ս կփախչեն, եթե հսկի պահակը։ Կգնդակահարի, եթե նրանք համարձակվեն տեղից շարժվել։

― Պահա՞կ։ Լա՜վ է։ Ուրեմն՝ մեկը պետք է ամբողջ գիշերը նստի ու չքնի, որպեսզի նրանց հսկի։ Իմ կարծիքով դա հիմարություն է։ Ինչո՞ւ մեկնումեկը չի կարող մի լախտ վերցնել և փրկել նրանց, երբ նրանք կարողանան այստեղ հասնել։

― Որովհետև գրքերում այդպիսի կարգ չկա։ Ահա թե ինչու։ Այժմ, Բեն Ռոջերս, ուզո՞ւմ ես գործը կանոնավոր անել, թե՞ ոչ, հարցն այս է։ Չե՞ս ընդունում, որ այդ գրքերը գրող մարդիկ գիտեն, թե ինչն է ճիշտ։ Կարծում ես, թե դու կարո՞ղ ես նրանց որևէ բան սովորեցնել։ Շատ բան չես կարող։ Ոչ, սըր, մենք պետք է ճիշտ վարվենք և մարդկանց փրկենք ցույց տված օրինավոր ճանապարհով։

― Լավ, դա ինձ չի վերաբերում, միայն ասում եմ, թե դա հիմար ճանապարհ է։ Ասա, եթե ես քո չափ անգիտակ լինեի, էլի ինձ թույլ չէի տա նման բան ասել։ Կանանց սպանե՞լ։ Ոչ։ Դեռ ոչ ոք գրքերում նման բան չի ասել։ Կանանց կբերես քարանձավ և միշտ հնարավորության չափ քաղաքավարի կվարվես նրանց հետ։ Նրանք էլ կարճ ժամանակում կսիրահարվեն քեզ և այլևս չեն ցանկանա տուն գնալ։

― Եթե այդպես է, համաձայն եմ, բայց ես դրանում լավ բան չեմ տեսնում։ Շուտով քարանձավը այնպես կլցվի կանանցով ու փրկության սպասող տղամարդկանցով, որ ավազակներին տեղ չի մնա։ Բայց շարունակիր, ոչինչ չունեմ ասելու։

Փոքրիկ Թոմի Բարնսն այդ ժամանակ քնած էր, և երբ նրան արթնացրին, վախեցած ճչաց ու ասաց, որ ուզում է գնալ տուն, մայրիկի մոտ, այլևս չի ուզում ավազակ դառնալ։

Բոլորն սկսեցին նրան ծաղրել և անվանեցին լալկան երեխա։ Դրանից նա ավելի կատաղեց ու ասաց, որ իսկույն կգնա և բոլոր գաղտնիքները կհայտնի։ Թոմը նրան հինգ ցենտ տվեց, որպեսզի լռի և ասաց, որ շուտով բոլորս ենք տուն գնալու։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, կկողոպտենք մեկնումեկին ու մի քանիսին էլ կսպանենք։

Բեն Ռոջերսն ասաց, որ ինքը չի կարող հաճախակի դուրս գալ, բացի կիրակի օրերից, և ուզում է հաջորդ կիրակի օրն սկսել։ Բայց բոլոր տղաներն ասացին, թե կիրակի օրը ոճիր գործելը չար բան է։ Դրանով էլ հարցը լուծվեց։ Նրանք համաձայնեցին հնարավորության չափ շուտ հավաքվել և նշանակել օրը։ Թոմ Սոյերին ընտրեցին ավազակապետ, Ջո Հարպըրին՝ տեղակալ, ապա բոլորս գնացինք տուն։

Ես մագլցելով բարձրացա փայտանոցի տանիքը և իմ պատուհանից սողացի ներս։ Արդեն լուսադեմ էր։ Նոր շորերս ճարպոտվել ու փոշոտվել էին, իսկ ինքս շան պես հոգնել էի։


Գլուխ երրորդ

Առավոտյան պառավ միսս Ուոթսոնը մի լավ դաս տվեց ինձ՝ շորերս կեղտոտելու համար։ Այրին հանդիմանական ոչ մի խոսք չասաց, միայն մաքրեց մոմի ճարպն ու կավը, բայց նա այնպես տխուր էր, որ մտածեցի, այսուհետև ավելի լավ կվարվեն հետը, եթե կարողանամ։ Միսս Ուոթսոնն ինձ տարավ մառան ու աղոթեց, բայց բանը դրանով չվերջացավ։ Նա ինձ ասաց, որ ես եթե ամեն օր աղոթեմ, ապա ինչ ուզենամ կստանամ։ Իհարկե, դա այդպես չէր։ Փորձեցի։ Մի անգամ ստացա ձուկ որսալու կարթի թել, բայց ծայրին կարթ չկար։ Ինչի՞ս էր դա պետք։ Երեք֊չորս անգամ փորձեցի դրա համար էլ աղոթել, բայց բան դուրս չեկավ։ Շուտով խնդրեցի միսս Ուոթսոնին, որ ինձ համար աղոթի, բայց նա ասաց, որ ես հիմար եմ, նույնիսկ չասաց, թե ինչու, և այդպես էլ ես ոչինչ չհասկացա։

Մի անգամ անտառում նստած՝ երկար մտածեցի այդ մասին։ Ինքս ինձ ասում էի․ եթե մարդ աղոթելով կարող է ստանալ ուզածդ բանը, ապա ինչո՞ւ սարկավագ Վինը չի կարողանում վերադարձնել այն դրամը, որ կորցրեց խոզի միսը վաճառելուց հետո։ Ինչո՞ւ այրին չի կարողանում ետ ստանալ քթախոտի արծաթե տուփը, որ գողացել էին։ Ինչո՞ւ միսս Ուոթսոնը չի գիրանում։ Ոչ, ասացի ինքնս ինձ, դրա մեջ ոչինչ չկա։ Գնացի և այրուն պատմեցի այդ մասին, բայց նա ասաց, որ աղոթելով մարմինը ստանում է «հոգևոր բարիքներ»։ Դա հասկանալն իմ կարողությունից վեր էր, բայց նա բացատրեց, թե ինչ է ուզում ասել։ Ասաց, որ ես պետք է օգնեմ ուրիշներին, նրանց համար անեմ այն, ինչ կարող եմ, շարունակ հոգատար լինեմ նրանց նկատմամբ և երբեք իմ մասին չմտածեմ։ Ինչպես հասկացա, այդ ուրիշների մեջ մտնում էր և միսս Ուոթսոնը։ Գնացի անտառ և երկար ժամանակ մտքումս շուռումուռ տվի նրա ասածները, բայց չկարողացա հասկանալ, թե ուրիշներին օգտակար լինելուց ինձ ի՞նչ օգուտ։ Ի վերջո, որոշեցի այլևս այդ առթիվ չանհանգստանալ, հրաժարվել դրանից։ Երբեմն այրին ինձ մի կողմ էր տանում ու աստծո նախախնամության մասին այնպես էր խոսում, որ բերանիս ջուրը վազում էր, բայց պատահում էր, որ հենց մյուս օրը միսս Ուոթսոնն ամբողջովին շուռ էր տալիս իր ասածը։ Նրա ասածներից եկա այն համոզման, որ երկու աստված կա։ Մի խեղճ մեղավոր այրու աստծո առջև թերևս մի կերպ կարողանար արդարանալ, բայց եթե միսս Ուոթսոնի աստծո ճանկն ընկներ, այլևս չէր ազատվի։ Երկար մտածեցի և վճռեցի, որ ավելի լավ է այրու աստծուն ապավինել, երբ նա իմ կարիքն զգա, թեև չէի հասկանում, թե ես նրա ինչի՞ն եմ պետք, և ինձնից ի՞նչ օգուտ, երբ ոչինչ չգիտեմ, այնքան լավ վարք չունեմ, ծագումս էլ հասարակ է։

Ավելի քան մեկ տարի հայրս քաղաքում չէր երևում, և դա ինձ համար լավ էր, քանի որ այլևս չէի ուզում նրան տեսնել։ Նա սովորություն ուներ ինձ միշտ ծեծել, երբ զգաստ էր լինում, և երբ ես էլ ձեռքն էի ընկնում։ Այդ պատճառով էլ փախչում էի անտառ, երբ նա մոտակայքում էր լինում։ Վերջերս մարդիկ խոսում էին, թե նրան գտել են գետում խեղդված, քաղաքից տասներկու մղոն վերև։ Ենթադրում էին, թե դա հայրս է։ Ասում էին, որ խեղդվածը հասակով ճիշտ հորս չափ է, հագին՝ ցնցոտիներ, անսովոր երկար մազեր ունի, հորս շատ է նման։ Բայց դեմքից ոչինչ չէին կարողացել եզրակացնել․ հորս այնքան ուշ էին ջրի տակից հանել, որ դեմքից գրեթե ոչինչ չէր մնացել։ Մարդիկ նրան ջրից դուրս էին բերել և թաղել գետափին։ Բայց իմ հանգիստ վիճակը երկար չտևեց․ հարկ եղավ ինչ֊որ բանի մասին մտածել։ Ես շատ լավ գիտեի, որ խեղդված տղամարդը մեջքի վրա չի լողում, այլ բերանսքսիվայր։ Ուստի եզրակացրի, որ դա հայրս լինել չի կարող․ տղամարդու շոր հագած կին է եղել։ Նորից անհանգիստ էի, թվում էր, թե ծերունին շուտով ուր որ է կհայտնվի, թեև չէի ուզում, որ աչքիս երևա։

Մոտ մեկ ամիս ավազակ֊ավազակ էինք խաղում։ Հետո ես հրաժարական տվի։ Հրաժարվեցին և մյուս բոլոր տղաները։ Մենք ոչ ոքի չկողոպտեցինք, ոչ մեկին չսպանեցինք, միայն ձևացնում էինք։ Սովորաբար դուրս էինք վազում անտառից և գրոհում խոզարածների, ինչպես և կանանց վրա, որոնք սայլերով բանջարեղեն էին տանում շուկա։ Բայց մենք նրանցից ոչ մեկին ձեռք չէինք տալիս։ Թոմ Սոյերը խոզերն անվանում էր «ոսկու գնդեր», իսկ բողկերն ու մյուս բանջարեղենը՝ «գոհարներ»։ Մենք քարանձավ էինք գնում և աղմկում մեր արածների առթիվ, թե քանի մարդ ենք սպանել և քանիսին վիրավորել։ Բայց ես այդ գործի մեջ օգուտ չէի տեսնում։

Մի անգամ Թոմը տղաներից մեկին ուղարկեց քաղաք՝ վառվող փայտը ձեռքին, որը նա անվանում էր պայմանանշան (դրանով խմբի անդմներին իմաց էին տալիս, որ հավաքվեն), ապա ասաց, թե իր լրտեսները գաղտնի տեղեկություններ են բերել, որ հաջորդ օրը իսպանացի վաճառականների և հարուստ արաբների մի ամբողջ քարավան ադամանդներով բեռնված երկու հարյուր փղերով, վեց հարյուր ուղտերով և ավելի քան հազար «բեռնատար» ջորիներով իջևանելու է քարանձավի մոտ։ Նրանց պաշտպաններն ընդամենը չորս հարյուր զինվոր են, ուստի մենք պետք է դարան պատրաստենք, սպանենք բոլորին ու հափշտակենք հարստությունը։ Թոմն ասաց, որ մենք պետք է սրենք թրերը, մաքրենք հրացանները և պատրաստ լինենք։ Նա երբեք չէր հարձակվում նույնիսկ բողկի սայլի վրա, մինչև թրերն ու հրացանները սրած ու մաքրած չլինեին, թեև մեր ունեցածը միայն տախտակի բարակ ձողեր էին և հատակ մաքրելու խոզանակի փայտեր։ Դրանք ինչքան էլ մաքրես ու տանջվես, մազաչափ անգամ չեն փոխվի։

Ես չէի հավատում, թե մենք կկարողանանք ջարդել այդքան մեծաթիվ իսպանացիների ու արաբների, բայց ուզում էի ուղտեր ու փղեր տեսնել։ Հաջորդ օրը, որը շաբաթ էր, ես դարանում էի։ Հենց որ ազդանշան տրվեց, խառնիխուռն դուրս սուրացինք անտառից ու վազեցինք բլուրն ի վար։ Բայց այնտեղ ո՛չ իսպանացիներ կային, ո՛չ արաբներ, ո՛չ էլ ուղտ կամ փիղ։ Ոչինչ չկար, բացի դպրոցականների կիրակնօրյա դաշտային ճաշկերույթից, որին մասնակցում էին միայն առաջին դասարանի աշակերտները։ Մենք գրոհեցինք դրանց վրա և հալածեցինք ամբողջ հովտի երկայնքով։ Բայց ոչ մի ավար ձեռք չբերեցինք, եթե նկատի չունենանք մի քանի մեղրաբլիթ ու քիչ մուրաբա, թեև Բեն Ռոջերսի ձեռքն ընկավ նաև ցնցոտիներով մի տիկնիկ, իսկ Ջո Հարպըը գտավ եկեղեցական մի երգարան և մի կրոնաճառ։ Ապա մեզ վրա հարձակվեց ուսուցչուհին և ստիպեց գցել ամեն ինչ ու փախչել։ Ես ոչ մի ադամանդ չտեսա և այդ մասին ասացի Թոմ Սոյերին: Բայց նա պնդեց, թե այնուամենայնիվ, բեռներով ադամանդ կար, կային արաբներ, փղեր և շատ այլ բաներ։

― Իսկ ինչո՞ւ մենք դրանք չտեսանք, ― հարցրի ես։

Նա պատասխանեց․

― Եթե դու այդքան անգիտակ չլինեիր և կարդացած լինեիր մի գիրք, որը կոչվում է «Դոն֊Քիշոտ», այդ բանը կիմանայիր առանց հարցնելու։ Այդ ամենը մարդ կարող է տեսնել կախարդանքի ուժով։

Այնուհետև ասաց, որ այնտեղ կային հարյուրավոր զինվորներ, փղեր, գանձեր և այլն, բայց մենք ունեիք թշնամիներ, որոնց անվանեց մոգեր, և նրանք չարամտորեն ամեն ինչ կերպարանափոխեցին, դարձրին երեխաների կիրակնօրյա դպրոց։

Ես ասացի․

― Շատ լավ, այդ դեպքում մեզ մնում է հարձակվել այդ մոգերի վրա։

Բայց Թոմ Սոյերը պատասխանեց, որ ես ապուշ եմ։

― Ինչե՜ր ես խոսում, ― ասաց նա, ― չէ՞ որ մոգը կարող է հազարավոր ոգիներ կանչել, և նրանք քեզ մեկ ակնթարթում կհոշոտեն, ժամանակ չտալով, որ «մայրիկ» կանչես։ Նրանք ծառի չափ բարձր հասակ ունեն և եկեղեցու չափ լայնք։

― Լավ, ― ասացի ես, ― ենթադրենք, թե մենք մի քանի ոգի կանչեցինք մեզ օգնելու, այդ դեպքում չե՞նք կարող դրանց ծեծել։

― Իսկ ինչպե՞ս կկանչես։

― Չգիտեմ։ Իսկ նրան ինչպե՞ս են կանչում։

― Ինչպե՞ս։ Թիթեղյա մի հին լապտեր կամ երկաթե մանյակ են շփում, և ոգիները կատաղի շարժումներով, որոտ, կայծակ, քուլա֊քուլա ծուխ արձակելով, ամեն կողմից թափվում են, անմիջապես կատարում, ինչ նրանց ասվի։ Նրանց համար չնչին բան է միաձույլ աշտարակը հիմքից դուրս քաշել ու դրանով հարվածել կիրակնօրյա դպրոցի վարիչի կամ ուրիշի ճակատին։

― Իսկ ո՞վ է դրանց այդքան կատաղի շարժման մեջ դնում։

― Նա, որ շփում է լապտերը կամ մանյակը։ Ոգիները պատկանում են այդ անձնավորությանը և պարտավոր են անել այն, ինչ նա հրամայի։ Եթե ասի, որ պետք է ադամանդից քառասուն մղոն երկարությամբ պալատ կառուցել ու լիքը լցնել ծամոնով կամ ցանկացած որևէ այլ բանով, եթե ասի, որ Չինաստանի կայսեր դստերը բերեն կնության, ապա նրանք պարտավոր են անել և դա պետք է կատարեն մինչև հաջորդ արևածագը։ Բացի այդ, նրանք պարտավոր են պալարը տեղափոխել աշխարհի բոլոր կողմերը, ուր ուզում ես։ Հասկանո՞ւմ ես։

― Լավ, ― ասացի ես, ― կարծում եմ, որ դրանց կարելի է անվանել տափակ, ապուշ արարածների ոհմակ, եթե պալատը իրենց պահելու փոխարեն, այդքան հիմար դեր են կատարում։ Դեռ ավելին։ Եթե ես այդ ոգիներից մեկը լինեի, ավելի շուտ կգնայի Երիքո,[3] քան թե բան ու գործ թողած՝ կգնայի ինչ֊որ մեկի մոտ, որը թիթեղե մի հին լապտեր է շփել։

― Ինչե՞ր ես ասում, Հեք Ֆինն։ Երբ նա լապտեր շփեր, դու ուզեիր, չուզեիր, պիտի ներկայանայիր։

― Ի՞նչ։ Իսկ եթե ես լինեմ ծառի չափ բարձր և եկեղեցու չափ մե՞ծ։ Լավ, այդ դեպքում կգայի, բայց, հավատացնում եմ, որ դրան կստիպեի բարձրանալ այդ երկրի ամենաբարձր ծառի կատարը։

― Դատարկ բան ես ասում, Հեկ Ֆինն։ Չարժե քեզ հետ խոսել։ Դու ոչինչ չգիտես, կատարյալ տխմար ես։

Երկու֊երեք օր ես մտածում էի այս մասին։ Այնուհետև որոշեցի տեսնել, թե իսկապես դրա մեջ որևէ բան կա՞։ Վերցրի թիթեղե մի հին լապտեր, երկաթե մի մանյակ, գնացի անտառ և սկսեցի շփել ու շփել մինչև քրտնքի մեջ կորա, ինչպես հնդիկ։ Մտադիր էի մի պալատ կառուցել տալ ու վաճառել։ Բայց ապարդյուն․ ոչ մի ոգի չհայտնվեց։ Սկսեցի մտածել, որ դա Թոմ Սոյերի ստերից մեկն է։ Ինձ թվում էր, թե նա հավատում է արաբների ու փղերի պատմությանը, բայց ինչ վերաբերում է ինձ, ես այլ կերպ էի մտածում։ Իմ տեսածը բոլոր նշաններով դպրոց էր։


Գլուխ չորրորդ

Այսպես անցավ երեք֊չորս ամիս։ Արդեն խոր ձմեռ էր։ Ես ժամանակի մեծ մասն անցկացնում էի դպրոցում։ Մի փոքր սովորել էի բառեր հեգել, կարդալ ու գրել, անգիր էի արել բազմապատկման աղյուսակը՝ մինչև վեց անգամ յոթը, որը հավասար է երեսունհինգի։ Իմ կարծիքով դրանից ավելին չէի կարող իմանալ, եթե նույնիսկ հավիտյան ապրեի․ մաթեմատիկան ոչ մի կերպ գլուխս չէր մտնում։

Սկզբում ատում էի դպրոցը, բայց շուտով այնքան վարժվեցի, որ կարող էի դիմանալ։ Երբ շատ էի ձանձրանում, փախչում էի, իսկ հաջորդ օրվա ծեծն ու հանդիմանություններն ինձ համար օգտակար էին․ զգաստացնում էին։ Այսպիսով, որքան շատ գնացի դպրոց, այնքան դա հեշտացավ ինձ համար։ Վարժվում էի նաև այրու կարգ ու կանոնին, և նրա վարվելակերպն ինձ համար անքան տանջալից չէր։ Ընդհանրապես շատ էի նեղվում տանն ապրելուց ու մահճակալին քնելուց։ Քանի դեռ ձմեռ չէր, երբեմն դուրս էի ծլկում ու քնում տակառում։ Դա բավականություն էր ինձ համար։ Ինձ ավելի շատ դուր էր գալիս իմ նախկին ապրելաձևը, բայց նորին էլ սկսում էի վարժվել․ որչափով դա նույնպես սրտովս էր։ Այրին ասում էր, որ ես դանդաղ, բայց հաստատապես ուղղվում եմ, և գոհ էր իմ վարքից։ Ասում էր, որ այլևս իմ պատճառով չի ամաչի։

Մի առավոտ նախաճաշին պատահմամբ շուռ տվեցի աղամանը։ Ես հնարավորին չափ արագ վերցրի մի քիչ աղ, որպեսզի ձախ ուսիս վրայով դեն գցեմ և դրանով ինձնից հեռացնեմ դժբախտությունը, բայց միսս Ուոթսոնն առաջ եկավ ու կանգնեցրեց ինձ։ Նա ասաց․ «Ձեռքերդ հեռո՛ւ, Հե՛քլբերի, ի՜նչ անշնորհք բաներ ես միշտ անում»։ Այրին իմ օգտին խոսեց, բայց դրանով դժբախտությունը չէր հեռանա․ ես այդ լավ գիտեի։

Նախաճաշից հետո տնից դուրս եկա հոգնած ու անտրամադիր, ինքս ինձ հարցնելով, թե տեսնես ի՛նչ է գլխիս գալու, ի՛նչ է պատահելու։ Կան միջոցներ, որոնց շնորհիվ որոշ աղետներ կանխվում են, բայց այս մեկը դրանցից չէր, և ես երբեք չփորձեցի որևէ բան անել․ հոգեպես ընկճված քարշ էի գալիս, սպասելով դաժան ճակատագրի վճռին։

Ես շարժվեցի դեպի դիմացի պարտեզը և վեր մագլցեցի բարձր ցանկապատի այն մասով, որտեղ մուտքն էր․ ճանապարհս դա էր։ Գետինը ծածկված էր մեկ մատնաչափ ձյան շերտով, որի վրա տեսա ինչ֊որ ոտնահետքեր։ Մեկը եկել էր քարհանքից, մի պահ կանգ առել ցանկապատի այդ մասի մոտ և ապա պտտվել շուրջը։ Զարմանալին այն էր, որ ցանկապատի մոտ այդքան մնալուց հետո ներս չէր մտել։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր նշանակում այդ։ Այնուամենայնիվ շատ հետաքրքիր էր։ Ուզում էի հետևել, բայց կանգ առա, որ դիտեմ հետքերը։ Սկզբում ոչինչ չնշմարեցի, բայց հետո ուրիշ բան ընկավ աչքովս։ Ձախ ոտքի կոշիկի կրնկի տակ մեխից պատրաստած խաչ կար, որի նպատակը չար ոգուն հեռու պահելն էր։

Մի վայրկյանում վեր կացա ու վազելով իջա բլրից։ Անընդհատ ուսիս վրայով ետ էի նայում, բայց ոչ ոքի չտեսա։ Արագ վազեցի դատավոր Թեչըրի մոտ։

― Ի՞նչ է պատահել, տղաս, շունչդ կտրվում է։ Տոկոսներիդ համա՞ր ես եկել։

― Ոչ, սըր, ― ասացի ես, ― իսկ ինձ համար որևէ բան կա՞։

― Այո, երեկ երեկոյան կես տարվա համար ստացա ավելի քան հարյուր հիսուն դոլար։ Դա քեզ համար կատարյալ հարստություն է։ Լավ կլինի՝ թույլ տաս դա էլ վեց հազար դոլարի հետ բանկը դնեմ․ եթե վերցնես, կծախսես։

― Ոչ, սըր, ― ասացի ես, ― չեմ ուզում ծախսել, բոլորովին չեմ ուզում վերցնել, ոչ էլ վեց հազար դոլարն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ դուք դրանք վերցնեք ձեզ, ուզում եմ ձեզ տալ․․․ վեց հազար դոլարը, բոլորը։

Թեչըրը զարմացած նայեց ինձ։ Թվում էր, թե չի հասկանում իմ ասածները։

― Ինչպե՞ս թե, տղաս, ի՞նչ ես ուզում դրանով ասել։

― Ինձ ոչինչ մի՛ հարցրեք, խնդրում եմ։ Դուք կվերցնեք այդ դրամը, չէ՞։

Թեչըրն ասաց․

― Ինձ համար դա հանելուկ է։ Բա՞ն է պատահել։

― Խնդրում եմ, վերցրեք, ― ասացի ես, ― և ինձ ոչինչ մի՛ հարցրեք․ այդ դեպքում ես ստիպված չեմ լինի սուտ խոսել։

Մի պահ Թեչըրը խորասուզվեց մտքերի մեջ և ասաց․

― Օ՜, կարծում եմ, որ հասկացա։ Ուզում ես ամբողջ ունեցվածքդ ինձ ծախել և ոչ թե տալ։ Այդ միանգամայն ճիշտ միտք է։

Ապա նա ինչ֊որ բան գրեց թղթի վրա, կարդաց և ասաց․

― Ահա, տեսնո՞ւմ ես, այստեղ ասված է․ «Ի նշան հարգանքի»։ Այդ նշանակում է, որ ես դա գնել եմ և փոխարենը վճարել։ Ահա քեզ մեկ դոլար։ Այժմ ստորագրիր։

Ես ստորագրեցի և դուրս եկա։

Միսս Ուոթսոնի նեգր Ջիմը բռունցքի մեծությամբ մազե գնդակ ուներ, որը դուրս էր բերել եզան ստամոքսից և դրանով կախարդություն էր անում։ Նա ասում էր, թե նրա մեջ ոգի կա, որն ամեն ինչ գիտե։ Ուստի այդ երեկո գնացի նրա մոտ և ասացի, որ հայրս նորից այստեղ է․ հետքը տեսել եմ ձյան վրա։ Ուզում էի իմանալ, թե ի՛նչ է անելու․ մնալո՞ւ է այստեղ, թե՞ ոչ։ Ջիմը դուրս բերեց մազե գնդակը, ինչ֊որ բան շշնջաց վրան, ապա բարձրացրեց վերև ու բաց թողեց։ Գնդակը բավական հաստատուն ընկավ ցած և հազիվ մեկ մատնաչափ գլորվեց։ Ջիմը փորձեց երկրորդ անգամ, բայց արդյունքը նույնն էր։ Ջիմը ծունկ չոքեց, ականջը դրեց գնդակի վրա, լսողությունը լարեց, բայց անօգուտ։ Նա ասաց, որ գնդակը չի ուզում խոսել․ երբեմն առանց դրամի չի խոսում։ Ես ասացի, որ հին, մաշված, կեղծ քառորդ դոլարանոց ունեմ, որը ոչ մի բանի պետք չէ․ արծաթի տակից արույրը երևում է և ոչ մի տեղ չեն վերցնի, նույնիսկ եթե արույրը չերևա, որովհետև շատ մաշված է, կարծես ճարպոտած լինի և անմիջապես կերևա կեղծ լինելը։ (Որոշեցի ոչինչ չասել դատավորից ստացածս դոլարի մասին)։ Ես ասացի, որ վատ դրամ է, բայց գուցե մազե գնդակը վերցնի, գուցե չհասկանա լավն ու վատը։ Ջիմը նախ հոտոտեց դրամը, ապա կծեց և այնուհետև շոշափեց ու հայտնեց, թե ինքն այնպես կանի, որ մազե գնդակը դա իսկական դրամ կարծի․ ասաց, որ մի կարտոֆիլ կճեղքի, դրամը կդնի երկու շերտերի միջև ու այդպես կպահի ամբողջ գիշերը։ Հաջորդ առավոտյան արույրը այլևս չի երևա և ճարպոտությունը չի զգացվի, քաղաքում ամեն մարդ կվերցնի այն, ո՜ւր մնաց թե մազե գնդակը։ Ես գիտեի, որ կարտոֆիլով կարելի է այդ անել, բայց մոռացել էի։

Ջիմը քառորդ դոլարը մազե գնդակի մեջ դրեց, կռացավ ու նորից ականջ դրեց։ Այս անգամ ասաց, որ ամեն ինչ կարգին է․ մազե գնդակն իմ ամբողջ բախտը կգուշակի ու կասի, եթե ցանկանամ։ Ես ասացի, որ ուզում եմ։ Եվ մազե գնդակը խոսեց Ջիմի հետ, Ջիմն էլ ինձ պատմեց։ Նա ասաց․

― Քո ծեր հայրը ինքն էլ դեռ չգիտե իր անելիքը։ Երբեմն կարծում է, թե գնալու է, երբեմն էլ մնալու։ Ամենալավն այն կլինի, որ դու հանգիստ լինես, իսկ ծերուկը թող ինքը որոշի իր ճանապարհը։ Երկու հրեշտակ սավառնում են նրա շուրջը։ Մեկը ամբողջովին սպիտակ է ու շողշողուն, իսկ մյուսը՝ ամբողջովին սև։ Սպիտակը նրան որոշ ժամանակ ճիշտ ճանապարհ է ցույց տալիս, բայց շուտով վրա է հասնում սևը և ամեն ինչ փչացնում։ Դեռ ոչ ոք չի կարող ասել, թե ո՛ր մեկն ի վերջո կկարողանա հաղթանակ տանել։ Բայց քո գործը լավ է։ Դու կյանքում շատ նեղություններ կկրես, թեև ուրախությունն էլ չի պակասի։ Երբեմն կվնասվես, երբեմն էլ կհիվանդանաս, բայց միշտ վերջը լավ կլինի։ Կյանքումդ երկու աղջկա կհանդիպես։ Մեկը շիկահեր է, մյուսը՝ սևահեր։ Մեկը հարուստ է, մյուսը՝ աղքատ։ Նախ կամուսնանաս աղքատի հետ և ապա՝ հարուստի հետ։ Դու պետք է հնարավորին չափ հեռու մնաս ջրից և ոչ մի վտանգավոր քայլի չդիմես․ ճակատիդ գրված է, որ քեզ կախելու են»։

Երեկոյան, երբ մոմը վառեցի ու մտա իմ սենյակը, այնտեղ նստած էր ինքը՝ հայրս։


Գլուխ հինգերորդ

Դուռն արդեն փակել էի։ Շուռ եկա, և ահա հայրս։ Ես նրանից միշտ վախենում էի․ ինձ շատ էր ծեծում։ Թվում էր, թե այժմ էլ վախենում եմ, բայց հետո հասկացա, որ սխալվում եմ։ Առաջին ցնցումից հետո, ինչպես կասեիք դուք, երբ նրա անսպասելի հայտնվելուց շունչս կտրվեց, անմիջապես ուշքի եկա և զգացի, որ այնքան էլ չեմ վախենում ու դրա համար չարժե այդչափ նեղվել։

Նա կլիներ մոտ հիսուն տարեկան։ Դեմքից այդպես էլ երևում էր։ Մազերը երկար էին, խճճված, ճարպոտած ու կախված։ Դրանց արանքից փայլում էին աչքերը․ կարծես նա թփերի հետևում լիներ։ Նրա մազերը սև էին, ոչ մի սպիտակ մազ չուներ։ Սև էր նաև երկար, խառնիճաղանջ կիսամորուքը։ Դեմքը, որքան հնարավոր էր դա նշմարել, դժգույն էր, ամբողջովին սպիտակ։ Դա, իհարկե, մարդկային դեմքի սովորական սպիտակություն չէր, այլ այնպիսին, որ նայելիս մարդ սարսափում է ու փշաքաղվում։ Դա ծառադոդոշի և ձկան փորի սպիտակություն էր։ Ինչ վերաբերում է հագուստներին, դրանք միայն ցնցոտիներ էին, ուրիշ ոչինչ։ Նա մի ոտքը դրել էր մյուսի ծնկի վրա։ Այդ ոտքի կոշիկը պատռվել էր, մատներից երկուսը դուրս էին ցցվել, և նա դրանք երբեմն֊երբեմն շարժում էր։ Գլխարկն ընկած էր հատակին՝ հին, սև, տձև, գագաթը ներս ընկած․ կարծես ամանի կափարիչ լիներ։

Ես կանգնած նայում էի։ Նա էլ նստած ինձ էր նայում, աթոռը մի փոքր ետ թեքած։ Մոմն ամրացրի հատակին։ Նկատեցի, որ պատուհանը բաց է։ Այդ նշանակում էր, որ նա արդեն բարձրացել է փայտանոցը և ապա ներս մտել։ Նայեց ինձ ոտքից֊գլուխ և ասաց․

― Սքանչելի՜ շորեր, հիանալի՜ է։ Երևի կարծում ես, թե նախշուն բզեզ ես դարձել, չէ՞։

― Գուցե դարձել եմ, գուցե՝ ոչ, ― ասացի ես։

― Լեզու չդարձնե՛ս ինձ, ― գոռաց հայրս, ― իմ հեռանալուց հետո դու շատ հիմարություններով ես լցրել գլուխդ։ Ես քեզ ցույց կտամ, քո այդ գոռոզությունը կկոտրեմ։ Կրթվա՜ծ ես, ասում են․ կարող ես կարդալ, գրել։ Կարծում ես, թե այժմ հորիցդ լավն ես, որովհետև նա գրագետ չէ, հա՞։ Ես այդ միտքը կհանեմ գլխիցդ։ Ո՞վ ասաց, թե դու քեզ պիտի տաս նման հիմարությունների, հը՞, ո՞վ ասաց։

― Այրին։

― Այրի՞ն։ Ա՛յ թե ինչ։ Իսկ ո՞վ ասաց նրան, թե կարող է քիթը խոթել այնպիսի գործի մեջ, որն իրեն չի վերաբերում։

― Ոչ ոք։

― Լավ, ես դրանց ցույց կտամ, թե ինչ է նշանակում տղային սովորեցնել սեփական հոր դեմ ընդվզել և մեծամտանալ։ Դեհ, թող մեկ էլ քեզ տեսնեմ այդ դպրոցի շուրջը խեղկատակություն անելիս։ Քո մայրը մինչև կյանքի վերջը ոչ կարդալ գիտեր, ոչ էլ գրել։ Քո բոլոր հարազատները գրել֊կարդալ չեն իմացել և այդպես էլ մեռել են։ Ես էլ չգիտեմ, իսկ դու ահա պճնամո՜լ ես դարձել։ Ես այդ բանը տանել չեմ կարող, լսո՞ւմ ես։ Դե՛, կարդա՛ լսեմ։

Ես վերցրի ինչ֊որ գեներալ Վաշինգտոնի և պատերազմների մասին գրված մի գիրք ու սկսեցի կարդալ։ Կես րոպե էլ չէի կարդացել, երբ նա վրա պրծավ, խլեց գիրքն ու շպրտեց սենյակի մյուս ծայրը, ասելով․

― Ճիշտ է, կարող ես կարդալ։ Ես կասկածում էի, երբ դու այդ մասին ասացիր։ Այժմ ինձ նայիր, վե՛րջ տուր այդ ցուցամոլությանդ․ տանել չեմ կարող։ Ես կհետևեմ քեզ, իմ պճնամոլ տղա, և եթե քեզ բռնեմ այդ դպրոցի դռանը, կաշիդ կքերթեմ։ Ջարդ կտամ, խելքդ գլուխդ կգա։ Լա՜վ որդի ես, խոսք չունեմ։

Հայրս վերցրեց կապույտ֊դեղնավուն մի նկար, որտեղ կային մի քանի կով և մի տղա․

― Սա ի՞նչ է։

― Դա ինձ տվել են դասերս լավ սովորելու համար։

Նա պատռեց նկարը և ասաց․

― Ես քեզ ավելի լավ բան կտամ․ մի լավ մտրակ։

Նա այդպես մի րոպե նստեց, քրթմնջալով ու մռմռալով, ապա ասաց․

― Ա՛յ թե ինչ․ փափկասուն դենդի ես դառել, չէ՞․ մահճակալ, սավան, հայելի, հատակին կապերտը փռած․․․ Իսկ քո հայրը ստիպված է քնել խոզերի հետ՝ կաշեգործարանի բակում։ Ես քեզ նման որդի չեմ տեսել։ Ես այդ պճնամոլությանդ վերջ կտամ նախքան քեզ հետ հաշիվս փակելը։ Քո այդ խրոխտանալուն վերջ չկա․ ասում են, որ հարուստ ես, հա՞։ Ինչպե՞ս պատահեց։

― Բոլորը ստում են, ա՛յ թե ինչպես։

― Այս կողմը նայիր։ Այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ։ Ես ինչքան համբերել եմ, բավական է, էլ չեմ դիմանում, այնպես որ ինձ լեզու մի՛ դարձնի։ Երկու օր է քաղաքում եմ և ոչինչ չեմ լսել, բացի քո հարստանալուց։ Այդ մասին լսեցի նաև գետով իջնելիս։ Ահա թե ինչու եմ եկել։ Վաղն այդ փողերը կբերես․ ինձ պետք են։

― Ես փող չունեմ։

― Սուտ ես ասում։ Դատավոր Թեչըրի մոտ է։ Բե՛ր։ Պետք է։

― Փող չունեմ, ասում եմ։ Հարցրեք դատավոր Թեչըրին։ Նույնը կասի և նա։

― Լավ, կհարցնեմ։ Ես նրան կստիպեմ ճիշտն ասել։ Այժմ ասա, գրպանումդ ինչքա՞ն կա։ Տուր ինձ։

― Ընդամենը մեկ դոլար, և ինձ պետք է։

― Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար, թե քեզ պետք է։ Հանիր, ուրիշ ոչինչ։

Նա վերցրեց դոլարը և կծեց, որպեսզի ստուգի, իսկակա՞ն է, թե ոչ։ Ապա ասաց, թե գնում է քաղաք մի քիչ վիսկի գնելու․ ամբողջ օրը չի խմել։ Երբ բարձրացավ փայտանոցի տանիքը, նորից գլուխը ներս մտցրեց ու սկսեց նախատել ինձ պճնամոլության համար, նախատեց, որ ես փորձում եմ իրենից լավ լինել։ Երբ կարծում էի, թե նա արդեն գնացել է, հանկարծ վերադարձավ ու ասաց, որ դպրոցի մասին իր ասածները չմոռանամ, և եթե չթողնեմ դպրոցը, ինձ կհետապնդի, կբռնի ու կջարդի։

Հաջորդ օրը նա գնացել էր դատավոր Թեչըրի մոտ ու հոխորտալով փորձել էր ստիպել, որ սա իրեն զիջի դրամը, բայց Թեչըրը այդ անել չէր կարող։ Հայրս սպառնացել էր, թե օրենքով կստիպի նրան դրամը հանձնել իրեն։

Դատավոր Թեչըրը և այրին գնացին դատարան խնդրելու, որ ինձ հորիցս բաժանեն և իրենցից մեկնումեկին թույլ տան դառնալ իմ խնամակալը։ Բայց դատավորը նոր մարդ էր և չէր ճանաչում ծերուկին։ Ասել էր, թե դատարանը առանց հատուկ անհրաժեշտության չի կարող ընտանեկան գործերի միջամտել և ծնողներին բաժանել երեխաներից․ և հետո չի ուզենա երեխային հորից բաժանել։ Թեչըրն ու այրին ստիպված՝ ձեռ քաշեցին այդ մտադրությունից։

Ծերուկին այնքան էր դուր եկել այդ պատասխանը, որ չէր կարողանում հանգստանալ։ Նա ասաց, թե այնքան կմտրակի ինձ, որ ամբողջ մարմինս սևանա ու կապտի, եթե ես իր համար փող չճարեմ։ Ես դատավոր Թեչըրից երեք դոլար փոխ առա, և ծերուկը վերցրեց այն, հարբեց և երերալով սկսեց չափչփել քաղաքի փողոցները, թիթեղյա մի փոքրիկ տապակ ծեծելով գոռալ, հայհոյել մինչև կեսգիշեր, այնքան, մինչև նրան բանտարկեցին։ Հաջորդ օրը հորս կանգնեցրին դատարանի առաջ ու նորից բանտարկեցին մեկ շաբաթով։ Բայց նա ասաց, թե ինքը շատ գոհ է, որ իր որդու խնամակալն է և ցույց կտա, թե ինչն ինչոց է։

Դրանից հետո, երբ նա դուրս եկավ բանտից, նոր դատավորն ասաց, թե ինքն ուզում է նրան մարդ դարձնել։ Ծերուկին տարավ իր տունը և մաքուր, գեղեցիկ շորեր հագցրեց։ Հայրս նախաճաշը, ճաշը և ընթրիքը ուտում էր ընտանիքի հետ նույն սեղանից, կարծես ընտանիքի հարազատներից մեկը լիներ։ Ընթրիքից հետո նա ծերուկի հետ խոսում էր չափավոր խմելու և նման բաների մասին, մինչև հայրս լաց եղավ և խոստովանեց, որ ինքը հիմար է եղել ու իր կյանքը հիմարաբար է անցկացրել, բայց այժմ ուզում է բացել կյանքի մի նոր էջ, այնպիսի մարդ դառնալ, որ ոչ ոք չամաչի իրեն ծանոթ լինելուց, և հույս ունի, թե դատավորը կօգնի իրեն ու վերևից չի նայի։ Դատավորն ասաց, որ ինքը պատրաստ է նրան իր կրծքին սեղմել այդ խոսքերի համար։ Դատավորը նույնպես արտասվեց, ինչպես և նրա կինը։ Հայրս ասաց, որ մինչև հիմա ոչ ոք չի հասկացել, թե ինքն ինչ մարդ է։ Դատավորը պատասխանեց, թե ինքը հավատում է նրա ասածներին։ Ծերուկը ասաց, որ ընկած մարդը կարիք ունի կարեկցության, և դատավորը կրկնեց, որ այդ միանգամայն ճիշտ է։ Նրանք նորից լաց եղան։ Երբ քնելու ժամանակը եկավ, ծերուկը վեր կացավ, պարզեց ձեռքն ու ասաց․

― Նայեցեք սրան, ջենտլմեններ և լեդիներ։ Բռնեցեք այս ձեռքը և սեղմեցեք։ Ահա մի ձեռք, որ խոզի թաթ էր, բայց այլևս այն չի լինի, ինչ եղել է․ դա ձեռքն է մի մարդու, որը նոր կյանք է սկսել, և այդ մարդն ավելի շուտ կմեռնի, քան թե կվերադառնա հնին։ Լավ լսեք ասածներս, չմոռանաք, որ այդ բառերը ես եմ ասել։ Այժմ սա մաքուր ձեռք է․ սեղմեցե՛ք, մի՛ վախեցեք։

Բոլորը հերթով սեղմեցին նրա ձեռքը և լաց եղան։ Դատավորի կինը նույնիսկ համբուրեց հորս ձեռքը։ Ապա ծերունին ուխտ արեց չխմել և ստորագրեց, թղթին սեղմելով բութ մատը։ Դատավորն ասաց, թե դա իր կյանքի ամենասրբազան պահն է կամ նման մի բան։ Այնուհետև նրանք ծերունուն տարան մի գեղեցիկ սենյակ, որ առանձնաացված էր հյուրերի համար։

Գիշերը հայրս խմելու սարսափելի ցանկություն զգաց։ Նա դուրս սողաց, բարձրացավ գավթի տանիքը, արտաքին սանդուղքով ցած սահեց և իր նոր բաճկոնը փոխանակեց մի շիշ քառասուն տոկոսանոց խմիչքի հետ, նորից ետ մագլցեց ու կրկնեց իր նախորդ քեֆը։ Լուսադեմին նորից հարբած՝ գավթի տանիքից խեցգետնի պես սողալով իջավ և վայր ընկնելով, ձախ թևը երկու տեղից ջարդեց։ Նա մեռնելու աստիճան սառել էր, երբ ինչ֊որ մեկը, արևածագին, գտավ նրան փողոցում։ Երբ առավոտյան եկան հյուրասենյակ, բանը բանից անցել էր․ հատակին ծով էր գոյացել։

Դատավորը անչափ վշտացած էր։ Նա ասաց, որ այդ ծերունուն կարելի է ուղղել գուցե միայն հրացանով․ այլ ճանապարհ չէր տեսնում։


Գլուխ վեցերորդ

Շատ չանցած, ծերուկը ոտքի կանգնեց և սկսեց նորից դեսուդեն ընկնել։ Դիմեց դատարան, պահանջելով, որ դատավոր Թըչերը զիջի դրամը։ Այնուհետև սկսեց հետապնդել և ինձ՝ դպրոցից չհրաժարվելու համար։ Մեկ֊երկու անգամ բռնեց ինձ ու մի կավ ծեծեց, բայց, միևնույն է, ես շարունակեցի դպրոց հաճախել։ Մեծ մասամբ խույս էի տալիս կամ այնպես փախչում, որ չէր կարողանում բռնել։ Առաջ այնքան էլ չէի ուզում դպրոց գնալ, բայց այժմ մտածում էի, որ, ի հեճուկս նրա, պետք է գնամ։ Դատը շարունակ հետաձգվում էր․ կարծես չէին էլ ուզում սկսել, և ես երբեմն ստիպված էի լինում երկու֊երեք դոլար վերցնել Թեչըրից, տալ հորս, որ ազատվեի մտրակի հարվածներից։ Ամեն անգամ, ստանալով դրամը, նա հարբում էր, ամեն հարբելիս քաղաքի փողոցներում ահավոր աղմուկ բարձրացնում և ամեն անգամ աղմուկ բարձրացնելու համար բանտ ընկնում։ Այդ կյանքը միանգամայն համապատասխանում էր հորս էությանը․ նա դրանից դժգոհ չէր։

Նա շատ էր պտտվում այրու տան շուրջը, մինչև այրին ի վերջո սպառնաց, որ եթե վերջ չտա տունը հոտոտելուն, ինքը ստիպված կլինի խելքի բերել նրան։ Մի՞թե հայրս չէր խելագարվել։ Նա ասաց, որ ինքը ցույց կտա, թե ով է Հեք Ֆիննի խնամակալը։ Գարնան մի օր ճանապարհս պահելով՝ բռնեց ինձ, մակույկով մոտ երեք մղոն տարավ գետի հոսանքն ի վեր և դուրս եկավ Իլինոյսի առափնյա անտառոտ մի վայր։ Այստեղ ոչ մի տուն չկար, եթե նկատի չունենանք փայտաշեն մի խրճիթ, որի շուրջն անտառը չափազանց խիտ էր և տեղին անծանոթ մարդը հազիվ թե կարողանար գտնել այն։

Հայրս ինձ ոչ մի րոպե մենակ չէր թողնում, և ես հնարավորություն չունեի փախչելու։ Մենք ապրում էինք այդ հին խրճիթում։ Գիշերը քնելուց առաջ հայրս փակում էր դուռը և բանալին դնում գլխի տակ։ Նա մի հրացան ուներ, որը, իմ կարծիքով, գողացել էր։ Զբաղվում էինք ձուկ բռնելով ու որսորդությամբ․ դրանով էլ ապրում էինք։ Հաճախ նա փակում էր ինձ սենյակում ու գնում խանութ կամ գետանավ, ձուկն ու որսը փոխանակում վիսկիով, բերում տուն, հարբում, լավ ժամանակ անցկացնում ու ինձ ծեծում։ Շուտով այրին իմացավ իմ տեղը և մարդ ուղարկեց ինձ տանելու, բայց հայրս նրան հրացանով ետ դարձրեց։ Կարճ ժամանակից հետո ես ընտելացա այդ նոր վայրին, որն ինձ դուր էր գալիս․ ամեն ինչ լավ էր, բացի մտրակից։

Ապրում էի մի տեսակ ծույլ, անհոգ կյանքով, ամբողջ օրը հանգիստ փռված․ ուզում ես ծխիր, ուզում ես ձուկ բռնիր, ո՛չ գիրք, ո՛չ դաս։ Այդպես անցավ ավելի քան երկու ամիս։ Շորերս ամբողջովին պատառոտվեցին ու կեղտոտվեցին, և ես չէի հասկանում, թե ինչպես կարող եմ երբևէ սիրել այրու մոտ անցկացրած իմ կյանքը, որտեղ ստիպված էի լվացվել, ճաշ ուտել ամանով, սանրվել և պառկել քնելու, առավոտյան, իբրև կանոն, վեր կենալ նույն ժամին, շարունակ ձեռքը առնել ձանձրալի մի գիրք, տեսնել, թե ինչպես է պառավ միսս Ուոթսոնն անընդհատ կտցահարում քեզ։ Այլևս չէի ուզում վերադառնալ նախկին տեղս։ Եվ վերջ էի տվել հայհոյելուն, որովհետև այրին չէր հանդուրժում։ Իսկ այժմ նորից սկսեցի հայհոյել․ հայրս դրան դեմ չէր։ Այստեղ, անտառում, առհասարակ լավ կյանք էինք քաշում։

Հայրս շուտով սկսեց չափից ավելի դիմել գավազանին, և ես չէի կարողանում դրան դիմանալ։ Ամբողջ մարմնիս վրա երևում էին հարվածների հետքեր։ Նա հաճախ էր դուրս գնում և ինձ փակում ներսում։ Մի անգամ դուռը կողպեց ինձ վրա և երեք օր չվերադարձավ։ Սարսափելի մենակություն էի զգում։ Կարծում էի, թե խեղդվել է, և ես այլևս դուրս չեմ գա այդ տնակից։ Ահաբեկված սպասում էի։ Մտքումս որոշեցի հեռանալու միջոց գտնել։ Շատ անգամ էի փորձել հեռանալ, բայց ելք չէի գտնում։ Պատուհանն այնպիսին էր, որ շունն էլ չէր կարողանա դուրս գալ։ Ծխնելույզով բարձրանալն էլ հնարավոր չէր․ շատ նեղ էր։ Դուռը հաստ էր, կաղնու ամուր փայտից պատրաստած։ Հայրս շատ զգույշ էր․ դուրս գնալիս ոչ մի դանակ կամ նման բան չէր թողնում խրճիթում։ Երևի մի հարյուր անգամ խուզարկած կլինեի խրճիթը։ Գրեթե ամբողջ գործս այդ էր, ժամանակն անցկացնելու միակ միջոցը։ Բայց այս անգամ, վերջապես, մի բան գտա։ Գտա ժանգոտած, առանց բռնակի մի սղոց, որը խրված էր տանիքի գերանի ու տախտակների արանքը։ Յուղեցի սղոցը և գործի անցա։ Խրճիթի հեռավոր ծայրին, սեղանից փոքր֊ինչ այն կողմ, պատին մեխել էին ձիու մի հին ծածկոց, որպեսզի քամին ճեղքերից չփչեր և չհանգցներ մոմերը։ Մտա սեղանի տակ, բարձրացրի ծածկոցն ու սկսեցի սղոցել ներքևի մեծ կոճղի մի մասը, այնպես, որ հնարավոր լիներ դուս սողոսկել։ Դա բավական երկար աշխատանք էր պահանջում, բայց ես արդեն վերջացնելու վրա էի, երբ անտառից լսեցի հորս հրացանի կրակոցը։ Քողարկեցի աշխատանքիս հետքերը, ցած իջեցրի ծածկոցը և թաքցրի սղոցը։ Շուտով ներս մտավ հայրս։

Հորս տրամադրությունը սովորականի նման լավ չէր։ Ասաց, որ եղել է քաղաքում, և հայտնի չէ, թե գործն ինչով կվերջանա։ Փաստաբանը ասել էր, թե իր կարծիքով հայրս պետք է շահեր դատը և տիրանար փողին, եթե երբևէ դատավարություն սկսեր, բայց պատճառներ կային, որոնք երկար ժամանակ կարող էին հետաձգել դատը, իսկ դատավոր Թեչըրը գիտեր, թե ինչպես պետք է դասավորել այդ գործը։ Ասաց նաև, որ լուրեր են պտտվում, թե մի նոր դատ է լսվելու, որպեսզի հորիցս ինձ բաժանեն և հանձնեն այրուն որպես խնամակալի, և կարծում են, թե այս անգամ իրենք կշահեն դատը։ Այդ լուրն ինձ բավականին ցնցեց, որովհետև ես չէի ուզում վերադառնալ այրու մոտ և կաղապարի մեջ մտնել ու քաղաքակրթվել, ինչպես նրանք իրենց դաստիարակությունն էին անվանում։ Ծերուկն այնուհետև սկսեց հայհոյել։ Հայհոյում էր ամեն ինչ և ամենքին, ով միտքն էր գալիս։ Քիչ հետո նորից սկսեց բոլորին հայհոյել, որպեսզի վստահ լիներ, թե ոչ ոքի չի մոռացել։ Դրանից հետո ամեն ինչ հարդարեց ընդհանուր մի հայհոյանքով, որը վերաբերում էր և այնպիսի մարդկանց, որոնց անունները չգիտեր․ ստիպված՝ այսինչ, այնինչ ասելով էր բավարարվում։ Ապա հայհոյելով շարունակեց ետ ու առաջ քայլել։

Նա ասաց, որ դեռ կտեսնի, թե այրին ինձ ինչպես կխլի։ Ասաց, որ ինքը կհետևի, իսկ եթե նրանք փորձեն իր գլխին այդպիսի խաղ խաղալ, ապա ինքը մի տեղ գիտե վեց֊յոթ մղոն հեռու, ու և ինձ կթաքցնի։ Ինչքան էլ որոնեն, չեն գտնի։ Այդ բանը նորից անհանգստացրեց ինձ։ Մտածեցի, որ չպետք է այնքան սպասել, մինչև նա այդ միջոցին դիմի։

Ծերուկն ինձ ստիպեց մակույկով փոխադրել իր բերած մթերքներն ու իրերը։ Այնտեղ կար հիսուն ֆունտանոց պարկով եգիպտացորենի այլուր, մի մեծ կտոր ապխտած միս, վառոդ, մանրագնդակ, չորս գալլոնանոց մի շիշ վիսկի, մի հին գիրք և երկու լրագիր՝ հրացանը խցելու համար, ինչպես և մակույկը քաշելու պարան։ Ես այդ բեռը փոխադրեցի ափ, վերադարձա մակույկ ու նստեցի ետնամասին՝ հանգստանալու։ Ծանրութեթև արի բոլոր հարցերը և որոշեցի, որ հեռանալիս հետս կվերցնեմ հրացանը, ձկնորսական կարթեր ու կփախչեմ անտառներով։ Ենթադրում էի, թե նույն տեղում չեմ մնա, այլ կթափառեմ ամբողջ երկրով մեկ, մեծ մասամբ գիշերները։ Գոյությունս պահպանելու համար կզբաղվեմ որսորդությամբ և այնքան կհեռանամ, որ ինձ այլևս չեն կարողանա գտնել ո՛չ ծերուկը, ո՛չ էլ այրին։ Որոշեցի սղոցել կոճղը և հեռանալ հենց այդ գիշեր, եթե հայրս լավ հարբած լինի, իսկ նա անպայման կհարբի։ Եվ այնպես էի տարվել այդ մտքերով, որ չէի զգացել, թե որքան ժամանակ եմ նստած եղել այնտեղ, մինչև ծերուկը կանչեց ինձ, հարցնելով՝ քնե՞լ եմ, թե խեղդվել։

Ես ամեն ինչ փոխադրեցի խրճիթ։ Երբ վերջացրի, գրեթե մութ էր։ Մինչ ընթրիքն էի պատրաստում, ծերուկը մեկ֊երկու անգամ շշից խմեց, տաքացավ և նորից սկսեց կատաղել։ Քաղաքում հարբել էր, ամբողջ գիշերն ընկած էր եղել առվի մեջ, և հետաքրքիր էր նրան նայել։ Տեսնողը կկարծեր, թե Ադամն է, ցեխի մեջ կորած։ Հենց որ խմիչքը ներգործում էր, նա սկսում էր հայհոյել կառավարությանը։ Այս անգամ էլ․

― Եվ սա կառավարությո՞ւն է։ Նայեցեք և տեսեք, թե ինչի՜ է նման։ Ահա քեզ օրենք․ պատրաստ սպասում է, որ մարդուց խլի սեփական որդուն, սեփական որդուն, որին մեծացնելու համար ինչպիսի՜ նեղություններ ու հոգսեր են քաշում, ինչպիսի՜ ծախսեր են անում։ Այո, և հենց որ մարդ վերջապես որդուն մեծացնում է, ուզում է գործի տալ, որ հոր նման մի բան անի, մխիթարի նրան, օրենքը դեմ է կանգնում։ Եվ մարդիկ դա անվանում են կառավարություն։ Դա բոլորովին էլ կառավարություն չէ։ Օրենքը կանգնած է այդ ծերուկ դատավոր Թեչըրի մեջքին և օգնում է նրան, որպեսզի ինձ զրկի իմ սեփականությունից։ Ահա թե ինչ է ասում օրենքը։ Օրենքը վերցնում է վեց հազար դոլարից ավելի կարողության տեր մարդու ու խցկում մի հին ծուղակի մեջ, ինչպիսին այս խրճիթն է, և ստիպում դուրս գալ մարդամեջ այնպիսի շորով, որը չի սազի նույնիսկ խոզին։ Եվ դա անվանում են կառավարություն։ Նման կառավարության օրոք ոչ ոք չի կարող իր իրավունքների տերը լինել։ Երբեմն սքանչելի մի միտք թելադրում է ինձ ընդմիշտ հեռանալ այս երկրից։ Այո, այդպես էլ ասացի նրանց․ ծերուկ Թեչըրի երեսին ասացի։ Ասում եմ, հանուն երկու ցենտի կթողնեի այս անիծված երկիրը և այլևս ետ չէի գա։ Ահա իմ խոսքերը։ Ասում եմ․ «Նայեցեք իմ գլխարկին, եթե դուք սա գլխարկ կհամարեք։ Գագաթը վեր է բարձրացել, մնացած մասը իջել է ներքև մինչև ծնոտս և վերջին հաշվով դա իսկի էլ գլխարկ չէ․ ոնց որ գլուխս վառարանի խողովակի մեջ մտցրած լինեմ։ Նայեցեք, ասում եմ, թե ինչ գլխարկ եմ դնում այն ժամանակ, երբ այս քաղաքի ամենահարուստ մարդկանցից եմ, եթե իրավունքներիս տերը լինեմ»։ Այո, զարմանալի կառավարություն է, զարմանալի։ Հապա այս կողմը նայիր։ Այնտեղ կար Օհայոյից եկած մի ազատ նեգր, մի խառնածին, գրեթե նույնքան սպիտակ, որքան սպիտակամորթը։ Նա հագել էր այնպիսի մի սպիտակ վերնաշապիկ, որի նմանը հազիվ թե տեսած լինես, գլխարկը՝ չափազանց շողշողուն։ Քաղաքում չկա մեկը, որ այդքան գեղեցիկ հագնված լինի։ Ժամացույցը՝ ոսկի, շղթան՝ ոսկի, գավազանի գլուխը արծաթապատ, մի խոսքով՝ նահանգի ալեխառն մազերով ամենասարսափելի ծեր նաբոբը։[4] Եվ ի՞նչ ես կարծում։ Ասում էին, թե նա ինչ֊որ քոլեջում պրոֆեսոր է, կարող է խոսել ամեն լեզվով, գիտե ամեն ինչ։ Եվ դա դեռ բոլորը չէ։ Ասում էին, որ նա կարող է քվեարկել, եթե հայրենիքում է։ Էհ, դա արդեն ինձ համբերությունից հանեց։ Ես մտածում եմ, թե ո՞ւր է գնում մեր երկիրը։ Ընտրության օր էր, և ես կգնայի քվեարկության, եթե շատ հարբած չլինեի ու կարողանայի տեղ հասնել, բայց երբ ինձ ասացին, թե այս երկրում կա մի նահանգ, որտեղ նեգրին թույլ են տալիս քվեարկել, ես ետ քաշվեցի։

Ես ասացի, որ այլևս չեմ քվեարկի։ Ահա իմ խոսքերը։ Բոլորն ինձ լսեցին։ Եթե ամբողջ երկիրն էլ քանդվի, ես մինչև կյանքիս վերջը այլևս չեմ քվեարկի։ Մի տեսնեի՜ր, այդ նեգրի սառը վերաբերմունքը։ Նա ինձ ճանապարհ էլ չէր տա, եթե ես նրան մի կողմ չհրեի։ Մարդկանց ասում եմ․ ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ այս նեգրին աճուրդի չեն հանում ու վաճառում։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ պատասխանեցին։ Ասացին, թե նրան չի կարելի վաճառել, քանի դեռ նա այս նահանգում վեց ամիս չի ապրել, իսկ վեցը ամիսը չի լրացել։ Ահա քեզ օրինակ։ Եվ սա կոչվում է կառավարություն, որը չի կարող մի ազատ նեգրի վաճառել, եթե նա վեց ամիս չի ապրել նահանգում։ Ահա քեզ մի կառավարություն, որն իրեն կառավարություն է անվանում և իրեն ներկայացնում է որպես կառավարություն և կարծում է, թե կառավարություն է, միաժամանակ ստիպված է կոճղի նման ամբողջ վեց ամիս հանգիստ սպասել մինչև կկարողանա ձեռք տալ թափառաշրջիկ մի ավազակի, դիվային, սպիտակ վերնաշապիկով ազատ մի նեգրի և․․․

Հայրս այնքան շատախոսեց, որ բոլորովին չզգաց, թե իրեն ուր են տանում փայտացած ոտքերը։ Դեմ առնելով խոզի աղած մսի տակառիկին, գլխիվայր ընկավ վրան, և երկու սրունքներն էլ քերծվեցին։ Նրա վերջին խոսքերը ամենաբորբոքված մարդու բառերի մի տեղատարափ էր, ուղղված աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի, հատկապես նեգրին ու կառավարությանը, թեև տակառիկին էլ որոշ բաժին հասավ։ Նա բավական ոստոստեց խրճիթում, նախ մեկ սրունքի վրա, ապա մյուս և հանկարծ ձախ ոտքը բարձրացրեց, ուժեղ հարվածեց տակառիկին։ Բայց անտեղի, քանի որ այդ ոտքի կոշիկի ծայրից դուրս էին ցցվել նրա երկու մատները։ Նա ցավից այնպես գոռաց, որ լսողի մազերը բիզ֊բիզ կկանգնեին։ Այնուհետև ոտքի մատները բռնած՝ ընկավ հատակին ու սկսեց թավալվել փոշու մեջ, իսկ հայհոյանքները գերազանցեցին նախորդ բոլոր հայհոյանքներին։ Վերջում դա ինքն էլ էր դա ասում։ Նա Սոուբերի Հեգանի հայհոյանքերը լսել էր իր լավ օրերին և պնդում էր, թե ինքը նրան էլ է գերազանցել, բայց, իմ կարծիքով, դա գուցե, չափազանցություն էր։

Ընթրիքից հետո հայրս վերցրեց շիշը և ասաց, թե ինքը այնքան վիսկի ունի, որ կարող է երկու անգամ խմել ու զառանցելու չափ հարբել։ Նրա ասածը միշտ այդ էր։ Ինձ թվում էր, թե նա մոտավորապես մեկ ժամ հետո այնպես կհարբի, որ աչքերը կփակվեն, և ես այն ժամանակ կգողանամ բանալին կամ սղոցելով անցք կբացեմ ու դուրս կգամ։ Կամ մեկը կանեմ, կամ մյուսը։

Նա խմեց, խմեց և շուտով գլորվեց իր բարակ վերմակի վրա։ Սակայն բախտս չէր բերում․ նա խորը չքնեց, անհանգիստ էր։ Երկար ժամանակ նա հեծում ու տնքում էր։ Վերջապես այնպես քունս տարավ, որ չէի կարող աչքերս բաց պահել։ Դեռ չէի վճռել անելիքս, երբ խորը քնեցի, մոմն էլ թողեցի վառած։

Չգիտեմ որքան էի քնել, երբ հանկարծ սարսափելի մի ճչոց լսեցի ու վեր թռա։ Հայրս վայրագ կերպարանքով դես ու դեն էր թռչկոտում, գոռգոռում օձերի մասին։ Ասում էր, թե օձերը սողում են սրունքներն ի վեր, ապա ցատկոտում էր ու ճչում, թե մեկը կծել է իր այտը։ Բայց ես ոչ մի օձ չէի տեսնում։ Նա վեր թռավ և այս ու այն կողմ վազվզեց, բղավելով․ «Հեռացրե՛ք դրան, հեռացրե՛ք դրան, կծո՜ւմ է վիզս»։ Ես դեռ չէի տեսել այդքան վայրագ աչքեր։ Շուտով նա ուժասպառ հևալով ընկավ հատակին։ Այստեղ էլ սկսեց արագ թավալվել, ոտքի հարվածներով իրերը գցել դեսուդեն և բռունցքներով հարվածել օդը, ճչալով, թե իրեն սատանա է հեծնել։ Շուտով նա սպառեց իր վերջին ուժերը և մի պահ հանդարտվեց՝ տնքալով։ Հետո բոլորովին խաղաղվեց, ոչ մի ձայն չէր հանում։ Ես լսում էի բվերի կռինչն ու գայլերի ոռնոցը, որ գալիս էր հեռավոր անտառից և ավելի սոսկալի դարձնում գիշերը։

Հայրս ընկած էր անկյունում։ Շուտով փոքր֊ինչ բարձրացավ արմունկի վրա, գլուխը մի կողմ թեքած՝ լարեց լսողությունը և հազիվ լսելի ձայնով ասաց․

― Թը՛փ, թը՛փ, թը՛փ․․․ Մեռածի ոտնաձայն է․․․ Թը՛փ, թը՛փ, թը՛փ․․․ Իմ հետևից են գալիս, բայց չեմ գնա։ Ա՛հ, արդեն այստեղ են։ Ինձ չմոտենա՛ք, չմոտենա՛ք․ ձեռքներդ հեռո՛ւ, սառն են, գնացե՛ք։ Ինձ՝ ողորմելի թշվառիս, հանգիստ թողեք։

Նա չորեքթաթ առաջ սողաց, աղերսելով, որ իրեն հանգիստ թողնեն, փաթաթվեց վերմակի մեջ ու սկսեց թավալվել սոճեփայտից պատրաստած սեղանի տակ, շարունակելով աղերսել ու լաց լինել։ Վերմակի տակից լսվում էր նրա հեկեկանքը։

Կարճ ժամանակից հետո հայրս դուրս սողաց ու վեր ցատկեց, կանգնեց, վայրագ հայացքով նայեց շուրջը։ Ինձ նկատելով, վրա պրծավ։ Նա, դանակը ձեռքին, իմ հետևից վազում էր անկյունից անկյուն, ինձ անվանելով հոգեառ հրեշտակ և ասելով, որ կսպանի ինձ, և ես այլևս չեմ կարողանա իրեն հետապնդել։ Ես խնդրեցի նրան, ասացի, որ այդ ես եմ՝ Հեքը։ Բայց նա ճիչ հիշեցնող քրքիջ արձակեց, գոռգոռաց, հայհոյանքներ չխնայելով և շարունակեց հալածել։ Մի անգամ շուռ եկա, որ խույս տամ։ Նա բռնեց բաճկոնակիս ուսերից․ մի պահ թվաց, թե վերջս եկավ։ Բայց կայծակի արագությամբ դուրս սահեցի, բաճկոնակը թողնելով նրա ձեռքին։ Դրանով փրկեցի կյանքս։ Շուտով ծերուկը բոլորովին հոգնեց և վայր ընկավ, մեջքով հենվեց դռանը, սպառնալով, որ մի փոքր հանգստանալուց հետո կսպանի ինձ։ Դանակը դրեց տակը։ Ասաց, որ քիչ կքնի, ուժ կառնի և ապա ինձ ցույց կտա։

Շուտով նա մրափեց։ Անմիջապես վերցրի հին աթոռը, որի նստատեղը ջարդված էր, կարողացածիս չափ հանգիստ բարձրացա վրան, անաղմուկ իջեցրի հրացանը։ Մխաձողը ցած քաշեցի, որպեսզի ստուգեի, լիցքավորվա՞ծ է, թե՞ ոչ, և ապա այն դրեցի բողկի տակառի հետևը, ծայրն ուղղեցի հորս կողմը, ինքս էլ տեղավորվեցի այդտեղ, սպասելով նրա շարժվելուն։ Որքա՜ն դանդաղ ու լուռ էր անցնում ժամանակը։


Գլուխ յոթերորդ

― Վե՛ր կաց։ Ի՞նչ բանի ես։

Ես բաց արեցի աչքերս և նայեցի շուրջս, ջանալով հասկանալ թե որտեղ եմ։ Արևն արդեն ծագել էր, իսկ ես դեռ խոր քնած էի։ Հայրս կանգնել էր գլխավերևս դեմքի թթված, հիվանդագին արտահայտությամբ։

― Ի՞նչ էիր մտադիր անել այս հրացանով։

Ենթադրելով, որ նա չի հիշում գիշերվա իր արածից, ասացի․

― Ինչ֊որ մեկը փորձում էր ներս մտնել․ դարան մտա, որ դիմադրեմ։

― Իսկ ինչո՞ւ ինձ չարթնացրիր։

― Փորձեցի, բայց բան դուրս չեկավ, չկարողացա ձեզ տեղից շարժել։

― Դե լավ։ Այդտեղ մի՛ կանգնիր ու ամբողջ օրը վիճիր։ Գնա, աչք տուր կարթին, տես՝ նախաճաշի համար ձուկ ընկե՞լ է։ Մի րոպեից կգամ։

Նա բաց արեց դուռը, և ես վազեցի գետափ։ Նկատեցի ճյուղեր ու նման բաներ, որ հոսանքն ի վայր լողում էին ջրի երեսին, ինչպես և ծառի կեղևի կտորներ։ Ասել կուզի՝ գետը սկսել է վարարել։ Մտքովս անցավ, որ եթե այժմ քաղաքում լինեի, կապրեի ուզածիս պես։ Հունիսյան վարարումները սովորաբար բարեբախտություն էին ինձ համար, որովհետև հենց որ ջուրը բարձրանում է, իր հետ բերում է համաչափ, կապկպած գերաններ ու լաստափայտեր, երբեմն մեկ դյուժին գերան՝ իրար կապած։ Այնպես որ մնում է բռնել դրանք և վաճառել փայտի պահեստներին կամ սղոցարաններին։

Գետափով քայլում էի՝ մի աչքս ուղղած հորս, իսկ մյուսը՝ գետի կողմը, որ տեսնեի, թե այս վարարումն ի՛նչ կբերի իր հետ։ Ահա, հանկարծ գալիս է մի մակույկ, սքանչելի մի բան, տասներեք֊տասնչորս ոտնաչափ երկարությամբ, որը ջրի երեսին լողում է, ինչպես բադ։ Ես շորերով գլխիվայր նետվեցի ջուրը, ինչպես գորտ, և լողացի դեպի նավակը։ Կարծում էի, թե մեկնումեկը պառկած է այնտեղ, քանի որ մարդիկ կատակի համար հաճախ այդպիսի բաներ են անում, և երբ մեկը լողալով մոտենում է, վեր են կենում, վրան ծիծաղում։ Այդ անգամ այդպես չէր։ Դա, անկասկած, ջրի քշած֊բերած մակույկ էր։ Բարձրացա, նստեցի ու թիավարեցի դեպի գետափ։ Կարծում էի, թե ծերուկը կուրախանա, երբ տեսնի նավակը, որը տասը դոլար կարժենար։ Բայց երբ հասա ափ, հայրս դեռ չէր երևում։ Մինչ ես մակույկն ուղղում էի դեպի հեղեղատ հիշեցնող և չորս կողմից վազերով ու ուռենիներով ծածկված մի փոքրիկ խորշ, գլխումս մի այլ միտք ծագեց։ Մտածեցի, թե պետք է մակույկը լավ թաքցնեմ մի տեղ և անտառ փախչելու փոխարեն գետով իջնեմ ներքև, մոտ հիսուն մղոն, այնուհետև դուրս գամ ու ազատվեմ ոտքով ճամփորդելու դժվարությունից։

Այդտեղից շատ մոտ էր մեր հյուղակը, և ամբողջ ժամանակ ինձ թվում էր, թե լսում եմ իմ կողմը եկող ծերուկի ոտնաձայնը։ Բայց ես կարողացա թաքցնել նավակը, դուրս եկա և ուռենու թփուտների հետևից նայեցի շուրջս։ Ծերուկը շավղով իջել էր գետափ և հրացանով նշան էր բռնել մի թռչունի։ Այդ նշանակում էր, որ նա ոչինչ չի տեսել։

Երբ մոտեցավ, ես եռանդով դուրս քաշեցի կարթաթելը։ Նա ինձ մի փոքր նախատեց այդքան դանդաղելու համար, բայց ես ասացի, որ գետն եմ ընկել և ուշանալուս պատճառն այդ է։ Գիտեի, որ նա կտեսնի իմ թաց շորերը և կհարցնի, թե ինչ է պատահել։ Մենք կարթերի վրայից հավաքեցինք հինգ լոքո և գնացինք տուն։

Նախաճաշից հետո, երբ երկուսս էլ հոգնած՝ պառկեցինք քնելու, ես սկսեցի մտածել, թե ինչ հնար գտնեմ, որ հայրս ու այրին ինձ հետևելու փորձ այլևս չանեն։ Դա ավելի ճիշտ կլիներ, քան հավատալ բախտին, թե մինչև նրանք իմ բացակայությունը նկատեն, ես շատ հեռացած կլինեմ։ Ո՞վ գիտե․ ամեն ինչ էլ հնարավոր է։ Էհ, առայժմ ոչ մի ելք չէի գտնում։ Շուտով հայրս վեր կացավ ջուր խմելու և ասաց․

― Եթե որևէ մեկը գա թափառի տան շուրջը, կարթնացես ինձ, լսո՞ւմ ես։

Ապա փռվեց ու նորից քնեց։ Իմ ուզածն էլ հենց դա էր։ Գլխի ընկա, թե ինչ անեմ։ Գործն այնպես գլուխ կբերեմ, որ ոչ ոք չմտածի ինձ հետևելու մասին։

Ժամը մոտավորապես տասներկուսին մենք վեր կացանք ու գնացինք գետափ։ Գետը բավական արագ էր հոսում և վարարելիս շատ փայտ էր բերում իր հետ։ Շուտով երևաց լաստի մի մասը՝ իրար կապած հինգ լաստափայտ։ Մենք մակույկով մոտեցանք և փայտը քաշեցինք դեպի գետափ։ Այնուհետև եկանք տուն ճաշելու։ Հորիցս բացի, ով էլ լիներ, ամբողջ օրը կսպասեր այնտեղ՝ ավելի շատ փայտ հավաքելու համար, բայց դա նրա աշխատանքի ոճը չէր։ Մեկ անգամվա համար ինը գերան բավական էր։ Նա պետք է գնար քաղաք և վաճառեր դրանք։ Ինձ փակեց հյուղակում, վերցրեց մակույկը, ժամը երեքն անց կեսին լաստը քշեց դեպի քաղաք։ Ինձ թվում էր, թե նա այդ գիշեր չի վերադառնա։ Սպասեցի մինչև իմ հաշվով բավականաչափ հեռանար, ապա վերցրի սղոցն ու նորից սկսեցի աշխատել նույն կոճղի վրա։

Հայրս դեռ գետի մյուս կողմը չէր հասել, երբ ես իմ բացած ճեղքից դուրս եկա։ Նա և իր լաստը հեռվում ջրի երեսին երևում էին որպես մի փոքրիկ կետ։

Շալակեցի եգիպտացորենի ալյուրով լցված պարկը, տարա այնտեղ, ուր թաքցրել էի մակույկը և, մի կողմ քաշելով վազերն ու ճյուղերը, բեռս ցած դրեցի։ Նույն ձևով այնտեղ տարա ապուխտն ու վիսկիի սրվակը։ Ինձ հետ վերցրի ամբողջ սուրճը, շաքարը, վառոդն ու գնդակները։ Վերցրի հրացանի խծուծը, դույլն ու ջրդդումը, վերցրի մի շերեփ, թիթեղյա մի բաժակ, հին սղոցս, երկու վերմակ, փոքրիկ կաթսան ու սրճամանը։ Վերցրի նաև ձկան կարթաթելեր, լուցկի և այլ բաներ, մի խոսքով՝ ամեն ինչ, որը թեկուզ մեկ ցենտ կարժենար։ Կատարելապես սրբեցի հյուղակը։ Ինձ պետք էր կացին, բայց չունեինք։ Միակ կացինը փայտի դեզի վրա էր, և ես գիտեի, թե ինչու պետք է դա այնտեղ թողնել։ Վերցրի նաև հրացանը։ Այժմ ամեն ինչ պատրաստ էր։

Այդքան ներս սողոսկելուց և իրերը տեղափոխելուց հյուղակի պատը բավական քանդվեց։ Կարողացածիս չափ դրսի կողմից քանդվածը կարգի բերեցի․ վրան հող լցրի, ծածկեցի սղոցածս տեղն ու փայտի թեփը։ Ապա կտրած կոճղը նորից իր տեղը գցեցի, տակը դրեցի երկու քար և մի քար էր՝ կողքին, որպեսզի վայր չընկնի․ գերանի այդ մասը ծռվել էր և հենարանին չէր հասնում։ Եթե չորս կամ հինգ ոտնաչափ հեռու կանգնեիք և նախապես իմացած չլինեիք, թե գերանը սղոցված է, ոչինչ չէիք նկատի։ Բացի այդ, դա հյուղակի հետևում էր, և հազիվ թե որևէ մեկը գար այն կողմն ու տեսներ։

Դեպի նավակը գնալիս քայլում էի կանաչ խոտի վրայով և գետնին ոչ մի հետք չէր մնում։ Դիտեցի շուրջս, կանգնեցի ու նայեցի գետին։ Ամեն ինչ խաղաղ էր։ Հրացանը վերցրի և մի փոքր գնացի անտառի խորքը։ Ուզում էի թռչուն որսալ, երբ աչքովս ընկավ վայրենացած մի խոզուկ։ Այդ հարթավայրերի ագարակներից փախած խոզերը շատ շուտ վայրենանում են։ Սպանեցի և տարա հյուղակի մոտ։

Կացինը վերցրի և խորտակեցի դուռը, որը և բավականին ջարդոտվեց։ Ապա ներս բերեցի խոզուկը, մոտեցրի սեղանին, կացնով վիզը կտրեցի և գցեցի գետին, որ արյունը հոսի։ Գետին եմ ասում, որովհետև հյուղակի հատակը հող էր, առանց տախտակի։ Այնուհետև վերցրի մի հին տոպրակ, մեջը լցրի մեծ քարեր, որքան կարող էի տանել և սպանված խոզուկի մոտով քաշեցի դուրս, անտառի միջով տարա գետափ ու գցեցի ջուրը։ Ծանրությունից տոպրակն իսկույն սուզվեց, անհայտացավ։ Դժվար չէր նկատել, որ գետնի վրայով բան է քարշ տված։ Երանի՜ Թոմ Սոյերն այստեղ լիներ․ գիտեմ, որ կհետաքրքրվեր նման բաներով և երևակայությամբ մի զարմանալի բան կհնարեր։ Ոչ ոք այնպես հնարագետ չէ, ինչպես Թոմ Սոյերը։

Վերջում գլխիցս մի քանի մազ քաշեցի, կացինը լավ արնոտեցի, մազերը կպցրի վրան և շպրտեցի անկյունը։ Ապա վերցրի խոզուկը, փաթաթեցի բաճկոնակիս մեջ, որպեսզի արյուն չկաթեր, գրկած տարա գետափ ու գցեցի ջուրը։ Մի ուրիշ բան էլ մտածեցի։ Գնացի, մակույկից վերցրի եգիպտացորենի ալրով լցված պարկն ու իմ հին սղոցը, բերեցի տուն։ Պարկը դրեցի այնտեղ, ուր սովորաբար դրված էր լինում, և տակը մի փոքր պատռեցի սղոցով, որովհետև դանակ կամ պատառաքաղ չունեինք։ Հայրս որևէ բան պատրաստելիս կամ եփելիս ամեն ինչ անում էր գրպանի դանակով։ Տան արևելյան կողմի խոտերի և ուռենու թփուտների միջով պարկը տարա մոտ հարյուր յարդ, մինչև ծանծաղ մի լիճ։ Դա ուներ մոտ հինգ մղոն լայնություն։ Ջրում ամենուրեք առատորեն աճում էր եղեգը։ Այդ սեզոնին շրջակայքում շատ առատ էին նաև բադերը։ Լճից դուրս էր գալիս ճահճոտ չգիտեմ գետակ ասեմ, թե առու, որը մղոններով հոսում էր դեպի հեռուները, հայտնի չէ, թե ուր։ Միայն գիտեի, որ գետի մեջ չէր թափվում։ Ալյուրը շաղ էր գալիս, ամբողջ ճանապարհին հետք թողնելով մինչև լիճը։ Հորս հեսանն էլ գցեցի այնտեղ․ թող թվար, թե պատահաբար է ընկել։ Ապա թելով կապեցի պարկի տակի անցքը, որ այլևս ալյուր չթափվի, և սղոցի հետ նորից տարա նավակը։

Այժմ գրեթե մթնել էր։ Նավակը տարա, կանգնեցրի գետի վրա թեքված ուռենիների տակ և սպասեցի մինչև լուսինը ծագի։ Ապա մի բան դրեցի բերանս, պառկեցի մակույկի մեջ ծխամորճ ծխելու և ծրագիր կազմելու։ Ինձ ու ինձ միտք էի անում․ քարով լցրած տոպրակի հետքով կգան, կհասնեն գետափ, հետո էլ դիակս կսկսեն որոնել գետում։ Պարկից թափված ալրի հետքով կգան մինչև լիճը և կշարունակեն որոնումները լճից սկիզբ առնող առվում, նպատակ ունենալով գտնել ավազակներին, որոնք ինձ սպանել էին ու կողոպտել տունը։ Նրանք գետում, իմ անշնչացած մարմնից բացի, ոչինչ չեն որոնի։ Շուտով կհոգնեն և այլևս չեն անհանգստանա։ Իմ ուզածն էլ հենց այդ է։ Ջեքսոնի կղզին ինձ համար բավական հարմար է․ այդ կղզուն լավ ծանոթ եմ։ Ոչ ոք երբևէ այնտեղ չի գալիս։ Գիշերները մակույկով այնտեղից կարող եմ իջնել քաղաք, աննկատ շրջել և վերցնել անհրաժեշտ բաներ։ Ջեքսոնի կղզին լավ տեղ է։

Բավական հոգնել էի և դեռ ոչինչ չարած՝ ընկա և քնեցի։ Երբ արթնացա, մի պահ չգիտեի, թե որտեղ եմ։ Նստեցի ու մի փոքր վախեցած սկսեցի դիտել շուրջս։ Ապա հիշեցի։ Թվում էր, թե գետի լայնությունը մղոնների է հասնում։ Լուսինն այնքան պայծառ էր, որ կարող էի հաշվել սև և գրեթե անշարժ լաստագերանները, որ մեղմորեն սահելով անցնում էին ափից հարյուրավոր յարդ հեռու։ Ամենուրեք տիրում էր մեռելային լռություն։ Դուք պետք է հասկանաք, թե ինչ եմ ուզում ասել․․․ Չգիտեմ՝ ինչպե՞ս արտահայտեմ բառերով։

Մի լավ հորանջեցի, ձգվեցի և պատրաստ էի արձակել մակույկն ու առաջ շարժվել, երբ հեռվում գետի վրայից մի ձայն լսեցի։ Ականջ դրի։ Քիչ հետո իմացա, թե ինչն ինչոց է։ Դա խուլ, կանոնավոր ձայն էր, որ առաջանում է մակույկի թիակալներում թիակների պոչերը պտտելիս և լավ լսվում է խաղաղ գիշերին։ Ուռենիների ճյուղերի արանքից գաղտագոցի նայեցի։ Նկատեցի մի մակույկ, որ շարժվում էր հեռվում, գետի մյուս ափի երկայնքով։ Չէր երևում, թե քանի հոգի կա մեջը։ Մակույկը շարունակում էր մոտենալ և երբ հավասարվեց ինձ, տեսա, որ միայն մի մարդ կա մեջը։ Մտածեցի, թե գուցե հայրս է, թեև չէի սպսում։ Ինձնից մի քիչ ներքև նա դադարեց շարժվել հոսանքի ուղղությամբ և խաղաղ ջրում թիավարելով՝ մոտեցավ ափին։ Նա այնքան մոտ էր ինձ, որ եթե հրացանը պարզեի, ծայրը նրան կհասներ։ Այո, դա հայրս էր, այլևս կասկած չէր մնում, այն էլ զգաստ․ դա երևում էր նրա թիավարելու ձևից։

Այլևս ժամանակ չկորցրի։ Հաջորդ րոպեին արդեն գետափի ստվերով սահում էի հոսանքն ի վար՝ առանց ճողփյունի, բայց արագ։ Անցա երկու և կես մղոն, քառորդ մղոնի չափ կամ փոքր֊ինչ ավելի հեռացա ափից, որովհետև շուտով կհասնեի գետանավերի կայանի, և մարդիկ կնկատեին ու ձայն կտային։ Նավակը կանգնեցրի լողացող գերանների արանքում, պառկեցի հատակին ու թողեցի, որ ինքն իրեն լողա հոսանքի հետ։ Լավ հանգստացա, ծխամորճ ծխեցի, դիտեցի հեռուները։ Երկնքում ոչ մի ամպ չկար։ Երբ լուսնյակ գիշերով մեջքիդ պառկած՝ նայում ես վեր, երկինքն անսահմանորեն խորն է թվում։ Մինչ այդ ես դա երբեք չէի նկատել։ Եվ այսպիսի գիշերներին հեռվից որքա՜ն պարզ են լսվում ձայները։ Ես լսում էի մարդկանց խոսակցությունը գետանավերի կայաններից, լսում էի նրանց յուրաքանչյուր բառը։ Մեկն ասաց, թե օրերն արդեն սկսում են երկարել, իսկ գիշերները՝ կարճանալ։ Մյուսն ասաց, թե այս գիշերը կարճերից չէ, և բոլորը ծիծաղեցին։ Նա կրկնեց նույն բառերը, և նորից ծիծաղեցին։ Այնուհետև արթնացրին մի այլ ընկերոջ, նույն բանն ասացին նրան ու ծիծաղեցին։ Բայց վերջինս չծիծաղեց․ զայրացած բղավեց և ասաց, որ իրեն հանգիստ թողնեն։ Առաջին մարդն ասաց, որ ինքը դա անպայման կհաղորդի իր պառավ կնոջը։ Ըստ երևույթին, դա նրան դուր կգա։ Ապա ավելացրեց, որ դա ոչինչ է անցյալում արած իր մի կատակի համեմատությամբ։ Ես լսեցի, թե ինչպես մեկն ասաց, որ ժամը մոտավորապես երեքն է, բայց հույս ունի, որ լուսաբացը մեկ շաբաթից ավելի չի ուշանա։ Այնուհետև խոսակցությունն ավելի ու ավելի հեռացավ, և ես այլևս չէի կարողանում բառերը ջոկել, թեև լսվում էր մռմռոց, ծիծաղ, բայց թվում էր, թե նրանք արդեն բավական հեռու են ինձնից։

Այժմ հեռու էի գետանավերի կայանից։ Վեր կացա։ Եվ ահա երևաց Ջեքսոնի կղզին, մոտ երկու և կես մղոն ամբողջովին ծածկված անտառով։ Կղզին ցցված էր գետի մեջտեղում, մեծ, մռայլ ու հաստատւն, ինչպես շոգենավ առանց լույսերի։ Ավազոտ եզրագիծը չէր երևում։ Տարվա այդ շրջանում դա ջրի տակ էր։

Շատ չանցած հասա կղզու ափերին։ Ճեղքելով հոսանքը, հասա վերին մասը (այնպես ուժեղ էր ջրի հոսանքը), մտա կանգնած ջրի շերտը և ափ դուրս եկա Իլինոյսի կողմի վրա։ Մակույկը մղեցի ինձ ծանոթ խոր խորշի մեջ․ այնտեղ մտնելու համար ստիպված եղա ուռենու ճյուղերը բաժանել իրարից, և երբ նավակը ամրացրել էի իր տեղում, ոչ ոք դրսից չէր կարող նկատել, թե այնտեղ բան կա։

Բարձրացա կղզին, նստեցի մի կոճղի, նայեցի մեծ գետին, սև ու խիտ անտառին, ապա հայացքս ուղղեցի դեպի քաղաք, երեք մղոն հեռու, որտեղ շողում էին երեք֊չորս լույս։ Գետի հոսանքով, մեկ մղոն վերևից, շարժվում էր ահռելի մեծությամբ ինչ֊որ լաստ։ Կենտրոնում վառվում էր մի լապտեր։ Ես դիտում էի, թե ինչպես է լաստը սողալով իջնում ցած։ Երբ այն մոտեցավ կղզուն և արդեն իմ դիմաց էր, լսեցի ինչ֊որ մեկի խոսքերը․ «Հե՜յ, նավախելի վրա, ա՛ջ ընդունեք»։ Ես այդ բառերն այնքան պարզ լսեցի, կարծես ասողը կողքիս լիներ։

Երկնքում երևացին արշալույսի նշանները, և ես մտա անտառ ու նախաճաշից առաջ պառկեցի քնելու։


Գլուխ ութերորդ

Երբ արթնացա, արեգակն այնքան էր բարձրացել, որ կարծեցի, թե ժամը ութն անց է։ Պառկեցի զով ստվերում, կանաչ խոտերին, մտածելով ամեն ինչի մասին, ինձ զգալով հանգիստ ու գոհ։ Ճյուղերի արանքում եղած մեկ֊երկու անցքից կարողանում էի տեսնել արևը, բայց ամենուրեք վեր էին ձգվում հսկա ծառեր, և ներքևում, իմ շրջապատում, ամեն ինչ մռայլ էր։ Տերևների արանքից թափանցած ու գետնին հասած ճառագայթները պեպեններ էին գոյացնում գետնի երեսին, և այդ պեպենոտ տեղերի թրթռումը ցույց էր տաիս, որ վերևում թեթև զեփյուռ կա։ Երկու սկյուռ, նստած ծառի ճյուղին, շատ բարեկամաբար խոսում էին ինձ հետ անհասկանալի լեզվով։

Ես կատարելապես ծուլացել էի․ ինձ շատ լավ էի զգում, բայց չէի ուզում վեր կենալ, նախաճաշ պատրաստել։ Նորից էի մրափել, երբ ինձ թվաց, թե գետի վրայից լսում եմ ինչ֊որ խուլ մի «բո՜ւմ»։ Վեր կացա և, արմունկներիս հենված՝ ականջ դրի։ Շուտով նորից լսեցի նույն ձայնը։ Իսկույն վեր թռա, տերևների միջից նայեցի այն կողմը և գետի վրա, բավական հեռու, մոտավորապես գետանավերի կայանի դիմաց, տեսա ծխի մի սև քուլա։ Գետով իջնում էր մարդկանցով լի մի գետանավ։ Այժմ հասկացա, թե ինչն ինչոց է։ «Բո՜ւմ»։ Ես տեսա սպիտակ ծուխը, որ ժայթքելով տարածվեց գետանավի կողքին։ Այդ նրանք էին կրակում ջրի երեսին, հասկանո՞ւմ եք, որպեսզի իմ դիակը բարձրանար վեր։

Ես շատ էի սոված, բայց չէի կարող կրակ վառել, որովհետև ծուխը կնկատեին։ Նստած դիտում էի թնդանոթի ծուխն ու ականջ դնում կրակոցներին։ Այդ մասում գետի լայնությունը կլիներ մեկ մղոն։ Ամառային առավոտները միշտ էլ հաճելի է նայել գետին։ Ինձ համար հետաքրքիր ժամանց կլիներ նայել, թե ինչպես են որոնում իմ մարմինը, եթե միայն ուտելու բան ունենայի։ Հանկարծ հիշեցի, որ միշտ սնդիկը դնում են հացի կտորի մեջ և գցում ջուրը։ Նման դեպքերում հացն ուղիղ շարժվում է դեպի խեղդվածի մարմինը և կանգ առնում։ Մտածեցի, որ պետք է հետևել, և եթե հացի կտորը լողալով իմ կողմը գա, ես դրանց ցույց կտամ։ Տեղափոխվեցի կղզու այն մասը, որտեղ Իլինոյսն է։ Ուզում էի իմանալ, թե ինչ է կատարվելու։ Եվ չհուսախաբվեցի։ Հացի մի մեծ կտոր եկավ իմ կողմը, և քիչ մնաց, որ բռնեի երկար ձողով, բայց ոտքս սահեց, հացը շարունակեց իր ճանապարհը։ Իհարկե, ես սպասում էի այնտեղ, ուր հոսանքն ավելի էր ափին մոտենում։ Դա լավ էի հասկանում։ Շուտով հացի մի այլ կտոր եկավ, և այս անգամ շահեցի։ Դուրս քաշեցի խցանը, դեն գցեցի սնդիկի փոքրիկ գնդիկը և ատամներս խրեցի հացի մեջ։ Դա ընտիր հաց էր, բարձր որակի, և ոչ թե եգիպտացորենի անհամ բոքոն։

Ընտրեցի մի հարմար տեղ, խիտ տերևների մեջ, հացը լիաբերան ծամելով նստեցի մի կոճղի, և միանգամայն գոհ սկսեցի դիտել գետանավը։ Հանկարծ գլխումս մի միտք ծագեց։ Ինքս ինձ ասացի, թե այժմ հավանորեն այրին կամ քահանան, գուցեև մի այլ անձնավորություն աղոթում են, որ այս հացն ինձ գտնի, և ահա նրանց աղոթքը իր նպատակին հասավ։ Կասկած չէր մնում, որ մի բան կար այդ աղոթքի մեջ, երբ այրու կամ քահանայի նման մեկն է աղոթում, բայց իմ աղոթքը ոչինչ չի անի, ճիշտ նպատակին չի հասնի։ Հավանորեն միայն արդար մարդկանց աղոթքն է տեղ հասնում։

Վառեցի ծխամորճս, երկար ծխեցի և շարունակեցի դիտել։ Գետանավը լողում էր հոսանքի ուղղությամբ։ Մտածեցի, որ երբ շատ մոտենա, ես հնարավորություն կունենամ տեսնելու, թե ով կա այնտեղ, քանի որ այն շարժվելու էր հացի ուղղությմաբ։ Երբ նավը բավական իջավ իմ կողմը, դատարկեցի ծխամորճը, գնացի այնտեղ, որտեղ որսացել էի հացը և պառկեցի փոքրիկ բացատում, գետափին ընկած մի կոճղի ետևում։ Կոճղի վրայից կարողանում էի տեսնել մարդկանց։

Շուտով գետանավն այնքան մոտեցավ ինձ, որ նրանք կարող էին կամրջակ դնել և գալ ափ։ Գրեթե բոլոր ծանոթներս նավի վրա էին՝ հայրս, դատավոր Թեչըրը, Բեքի Թեչըրը, Ջո Հարպըրը, Թոմ Սոյերը, սրա պառավ հորաքույր Պոլին, Սիդն ու Մերին և շատ ուրիշներ։ Բոլորը խոսում էին սպանության մասին։ Նավապետը ընդհատեց նրանց ու ասաց․

― Այժմ լավ նայեք․ այստեղ հոսանքն ամենից շատ է մոտենում ափին։ Գուցե այստեղ նրան ջուրը դուրս է նետել և խճճել առափնյա թփուտների մեջ։ Հույս ունեմ, որ դա այդպես է։

Ես, իհարկե, այդպիսի հույս չունեի։ Նրանք բոլորը հավաքվեցին և հենվեցին վանդակաձողերին, գրեթե իմ դիմաց, և կռացած՝ լուռ նայում էին ափին։ Ես նրանց շատ լավ էի տեսնում, բայց ինձ տեսնել չէին կարող։ Ապա նավապետը հրամայեց․ «Հեռո՜ւ կանգնեցեք», և թնդանոթն այնպես որոտաց հենց իմ դիմաց, որ ձայնից խլացա ու քիչ մնաց՝ ծխից կուրանայի։ Մի պահ թվաց, թե հաշիվս փակվեց։ Եթե լիցքի մեջ գնդակներ լինեին, ապա մարդիկ կգտնեին այն դիակը, որ որոնում էին։ Ինչ որ է, զգացի, որ ինձ ոչինչ չի պատահել, փա՜ռք աստծո։ Նավը շարունակեց իր ճանապարհը և շուտով, մեկ ժամ հետո ես այլևս ոչինչ չլսեցի։

Կղզին ուներ երեք մղոն երկարություն։ Ենթադրեցի, թե նրանք հասել են կղզու ծայրը և ձեռ քաշել որոնումից։ Բայց, ինչպես պարզվեց, դա շարունակեցին որոշ ժամանակ։ Նրանք կղզու ծայրին շուռ եկան և գնացին հոսանքն ի վեր, Միսսուրիի կողմը։ Նավը շարժվում էր շոգիով, ճանապարհին երբեմն֊երբեմն թնդանոթ կրակում։ Ես էլ անցա կղզու այդ կողմը և շարունակեցի դիտել նրանց։ Երբ հասան կղզու ծայրը, դադարեցին կրակը, ուղղվեցին դեպի Միսսուրիի ափը և վերադարձան քաղաք։

Այժմ ինձ համար պարզ էր, որ վախենալու բան չկա։ Այլևս ոչ ոք չէր հետապնդի ինձ։ Մակույկի միջից դուրս բերեցի իրերս և խիտ անտառում ինձ համար մի գեղեցիկ ճամբար կառուցեցի։ Վերմակներից պատրաստեցի մի տեսակ վրան իրերս պահելու համար, որպեսզի անձրևի տակ չմնայի։ Որսացի մի փոքրիկ լոքո, սղոցովս կտրատեցի, մաքրեցի, իրիկնադեմին խարույկ վառեցի և ընթրեցի։ Ապա նորից մի կարթ գցեցի ջուրը, որ նախաճաշի համար ձուկ որսամ։

Երբ մթնեց, նստեցի խարույկի առաջ ու սկսեցի ծխել՝ միանգամայն գոհ իմ վիճակից։ Բայց շուտով մի տեսակ տխրություն համակեց ինձ, և ես գնացի, նստեցի գետափին, ունկնդրելով ափերին փարվող ալիքների ձայնը, հաշվեցի աստղերն ու այն գերանները, որ ջուրը բերում էր հոսքով, ապա պառկեցի քնելու։ Ժամանակն արագ անցկացնելու ավելի լավ միջոց չկա, քան քնելը․ երբ մարդ տխրում է, երկար մնալ մենակ հնարավոր չէ։ Քնելով շատ շուտ ազատվում ես այդ նեղությունից։

Այդպես անցավ երեք օր ու երեք գիշեր։ Ոչ մի փոփոխություն։ Միևնույն վիճակը։ Չորրորդ օրը հետազոտեցի ամբողջ կղզին։ Ես կղզու տերն էի․ կարելի էր ասել, որ դա ամբողջովին ինձ էր պատկանում, և ուզում էի ամեն ինչ իմանալ։ Բայց ամենագլխավորն այն էր, որ ուզում էի ժամանակ սպանել։ Գտա առատ քանակությամբ հասած ելակ, ինչպես և խակ խաղող։ Կանաչ մորին նոր էր սկսել երևալ։ Դրանք բոլորը շուտով պիտանի կլինեին ուտելու, մտածեցի ես։

Ինչևէ։ Աննպատակ գնացի անտառի խորքը, մինչև իմ կարծիքով, հասա կղզու ստորին վերջվորության մոտերքը։ Ինձ հետ հրացան էի վերցրել, բայց ոչինչ չխփեցի, քանի որ դա ինքնապաշտպանության համար էի բերել։ Մտադիր էի որս ճարել տանս մոտակայքում։ Հենց այդ ժամանակ քիչ էր մնում մի մեծ օձ տրորեի։ Օձը սողալով անցնում էր կանաչ խոտի ու ծաղիկների միջով։ Փորձեցի կրակել վրան։ Արագ վազեցի հետևից և հանկարծ ոտքս դրի խարույկի մոխրի վրա, որը դեռ ծխում էր։

Սիրտս թպրտում էր կրծքիս տակ։ Այլևս կանգ չառա, իջեցրի հրացանի հրահանը, շուռ եկա և թաքնվելով ու մատներիս ծայրերի վրա կարողացածիս չափ արագ վազելով, վերադարձա տեղս։ Հաճախ մի ակնթարթ կանգ էի առնում խիտ տերևների մեջ և ականջս ձայնի պահում, բայց այնպես ծանր էի շնչում, որ ուրիշ ոչինչ լսել չէի կարողանում։ Մի քիչ էլ առաջ նետվեցի և նորից լարեցի լսողությունս, հետո նորից ու նորից։ Դիմացս ցցված կոճղերը աչքիս մարդիկ էին երևում։ Երբ ոտքերիս տակ մի չոր ճյուղ էր կոտրվում, ինձ թվում էր, թե մեկը շունչս երկու մասի է բաժանել և ինձ թողել է կեսը, այն էլ փոքր մասը։

Երբ հասա իմ ճամբարը, ինձ այնքան լավ չէի զգում, ուղղակի լեղապատառ էի եղել։ Այժմ ժամանակը չէր հիմարությունների հետևից ընկնելու։ Վերցրի բոլոր իրերս և տարա մակույկ․ թող աչքից հեռու լինեն։ Այնուհետև հանգցրի կրակը, ցրիվ տվեցի մոխիրը, որ ոչ ոք չմտածեր, թե նոր է վառած, և մոխիրը մեկ տարուց ավելի հին թվար։ Այդ բոլորից հետո մագլցեցի ծառն ի վեր։

Իմ հաշվով ծառի վրա մնացի երկու ժամ, բայց ոչինչ չտեսա, ոչինչ չլսեցի։ Ինձ միայն թվում էր, թե հազարավոր բաներ եմ տեսնում ու լսում։ Ինչևիցե, չէի կարող հավիտյան մնալ ծառի վրա․ վերջապես ցած իջա, բայց ամբողջ ժամանակ թաքնված մնացի խիտ անտառում՝ և միշտ պահակություն էի անում։ Ուտելիքի պաշարը ունեցածս հատապտուղներն էին և այն, ինչ մնացել էր նախաճաշից։

Երբ մութն ընկավ, սոսկալի քաղցած էի, իսկ երբ խավարը թանձրացավ, նախքան լուսնի ծագելը դուրս եկա գետափ և մակույկս թիավարեցի դեպի Իլինոյսի ափը, կղզուց քառորդ մղոն հեռու։ Մտա անտառ և ընթրիք պատրաստեցի։ Ուզում էի ամբողջ գիշերը մնալ այնտեղ, երբ լսեցի տը՛ք֊տը՛ք, տը՛ք֊տը՛ք և ինքս ինձ ասացի․ «Ձիեր են գալիս»։ Այնուհետև լսեցի մարդկանց ձայներ։ Ես հնարավորին չափ արագ ամեն ինչ բերեցի մակույկ և սողալով մտա անտառ տեսնելու, թե ի՛նչ կարելի է իմանալ։ Դեռ շատ չէի հեռացել, երբ լսեցի ինչ֊որ մեկի խոսքերը․

― Ավելի լավ է այստեղ իջնենք, եթե մի լավ տեղ գտնենք, ձիերը բոլորովին ուժասպառ են եղել։ Մի նայենք մեր շուրջը։

Ես այլևս չսպասեցի։ Մակույկը մղեցի դեպի ջուրը և հանգիստ թիավարելով հեռացա։ Պարանը կապեցի նախկին տեղում և որոշեցի գիշերել մակույկիս մեջ։

Շատ չքնեցի։ Չէի կարող քնել․ անընդհատ մտածում էի։ Եվ ամեն անգամ արթնանալիս ինձ թվում էր, թե մեկը բռնել է կոկորդս։ Այնպես որ քունն ինձ ոչ մի լավ բան չէր խոստանում։ Վերջապես ասացի ինքս ինձ․ «Այս ձևով ապրել չեմ կարող․ պետք է իմանալ, թե ով է այն մարդը, որ ինձ հետ ապրում է կղզու վրա։ Պետք է իմանալ, թե չէ կպայթեմ»։ Դրանից հետո ինձ ավելի թեթևացած զգացի։

Վերցրի թիակս, մեկ֊երկու քայլ ափից հեռացա ու մակույկը տարա ներքև, միշտ շարժվելով ստվերի միջով։ Լուսինը շողում էր, և ստվերից դուրս այնպես լույս էր, ինչպես ցերեկը։ Հաջող թիավարեցի մոտ մեկ ժամ։ Ամեն ինչ խաղաղ էր և ժայռի պես խորը քնած։ Ես արդեն հասել էի կղզու ծայրը։ Սկսեց փչել մեղմ, ծփծփուն, զով զեփյուռը, և դա լավ էր նրանով, որ ցույց էր տալիս, թե գիշերը վերջանալու վրա է։ Ես թիակով թեքեցի մակույկը, քիթն ուղղեցի դեպի ափ, վերցրի հրացանս և դուրս եկա անտառի եզրը։ Նստեցի մի կոճղի, տերևների արանքից դիտեցի շուրջս։ Նայում էի, թե ինչպես է լուսինը հեռանում, ավարտելով իր պահակությունը, և մութն սկսում է պատել գետը։ Շուտով ծառերի գագաթին նկատեցի լույսի դալուկ մի երիզ։ Հասկացա, որ օրը բացվում է։ Վերցրի հրացանս, շարժվեցի դեպի այն վայրը, ուր խարույկ էի տեսել։ Յուրաքանչյուր երկու֊երեք րոպեն կանգ էի առնում, ականջս ձայնի պահում։ Բայց բախտ չունեի․ չէի կարողանում տեղը գտնել։ Շուտով ծառերի արանքից կրակ նշմարեցի։ Շարժվեցի այն կողմը՝ զգուշորեն ու դանդաղ։ Արդեն այնքան էի մոտեցել, որ հնարավոր էր ամեն ինչ տեսնել։ Գետնին մի մարդ էր պառկած։ Այդ բանն ինձ անչափ մտահոգեց։ Նա իր գլուխը փաթաթել էր բարակ վերմակով, իսկ գլուխը գրեթե հասնում էր կրակին։ Նստեցի թփուտների հետևը, մոտ վեց ոտնաչափ հեռու և աչքերս հառեցի նրան։ Լույսը գրեթե բացվել էր։ Շուտով այդ մարդը հորանջեց, ձգվեց ու դեն գցեց վերմակը։ Դա միսս Ուոթսոնի Ջիմն էր։ Շատ ուրախացա, երբ ճանաչեցի։ Ձայն տվի․

― Բարև՜, Ջիմ, ― իմ թաքստոցից դուրս թռա։

Նա վեր ցատկեց ու վայրագորեն նայեց ինձ։ Ապա ծունկի եկավ, ձեռքերը միացրեց ու ասաց․

― Ինձ մի վնասիր, մի՛ վնասիր։ Ես երբեք ոչ մի ուրվականի վնաս չեմ տվել։ Միշտ սիրել եմ մեռած մարդկանց և նրանց համար արել, ինչ կարողացել եմ։ Նորից գնա գետը, որտեղից եկար, և ծեր Ջիմին ոչինչ մի՛ արա․ նա միշտ քո բարեկամն է եղել։

Երկար ժամանակ պետք չէր, որ համոզեի, թե մեռած չեմ։ Անչափ ուրախ էի, որ տեսնում եմ նրան։ Այժմ այլևս մենակ չէի։ Ասացի, որ չեմ վախենում, թե նա մարդկանց կհայտնի իմ տեղը։ Ես խոսում էի, իսկ նա նստած՝ նայում էր ինձ ու ոչ մի բառ չէր արտասանում։ Այնուհետև ասացի․

― Այժմ բոլորովին լուսացել է, պետք է նախաճաշել։ Մի լավ խարույկ վառիր։

― Ի՞նչ միտք ունի խարույկ վառելը․ ելակ կամ նման բա՞ն պիտի եփենք։ Բայց դու հրացան ունես, չէ՞։ Այդ դեպքում ելակից ավելի լավ բան կարող ենք բերել։

― Ելակ կամ նման բան, հա՞, ― ասացի ես, ― մի՞թե դու միայն դրանցով ես ապրում։

― Ուրիշ ոչինչ չէի կարողանում ճարել, ― պատասխանեց նա։

― Ինչո՞ւ, որքա՞ն ժամանակ է, ինչ կղզում ես, Ջիմ։

― Ես այստեղ եկա քո սպանվելուց հետո, երեկոյան։

― Եվ այդ ամբողջ ժամանակ այստե՞ղ ես։

― Այո։

― Եվ դու ոչինչ չե՞ս ունեցել ուտելու, բացի այդ անպետք բաներից։

― Ոչ, սըր, ուրիշ ոչինչ։

― Դու այդպես սովամահ կարող էիր լինել, չէ՞։

― Ձի կուտեի։ Կարծում եմ, կարող էի ուտել։ Իսկ դու որքա՞ն ժամանակ է, որ կղզում ես։

― Իմ սպանելու երեկոյից։

― Չէ՜, ինչպե՞ս, իսկ ինչո՞վ ես ապրել։ Բայց դու հրացան ունես։ Օ՜, հրացան ունես։ Դա լավ է։ Այժմ դու մի բան խփիր, ես էլ կրակ կվառեմ։

Գնացինք մակույկի մոտ, և մինչև նա ծառերի արանքում ընկած կանաչ, բաց տեղում խարույկ էր պատրաստում, ես բերեցի ալյուր, ապուխտ ու սուրճ, ինչպես և սրճաման, տապակ, շաքար, թիթեղյա բաժակներ։ Նեգրն ապշեց զարմանքից։ Կարծում էր, թե այս ամենը կատարվեց կախարդությամբ։ Ես բավական մի մեծ լոքո էլ բռնեցի։ Ջիմը մաքրեց դանակով ու տապակեց։

Երբ նախաճաշը պատրաստ էր, մենք ծուլորեն պառկեցինք խոտերին և կրակի վրայից վերցնելով՝ տաք֊տաք կերանք։ Ջիմն ուտում էր ամբողջ թափով, որովհետև նա գրեթե սովամահ էր եղել։ Լավ լցնելով ստամոքսներս, փռվեցինք կանաչներին։

Շուտով Ջիմն ասա․

― Լսիր, Հեք, ո՞ւմ էին սպանել այն հյուղակում, եթե դա դու չէիր։

Ես պատմեցի ամեն ինչ, և նա ասաց, որ շատ խելացի է մտածված։ Ասաց, որ Թոմ Սոյերն ավելի լավ չէր ծրագրի։

Այնուհետև ես հարցրի․

― Ինչպե՞ս պատահեց, որ այստեղ ընկար, Ջիմ, և ինչպե՞ս եկար։

Նա, ինչպես երևում էր, անհանգստացավ հարցից և մի պահ ոչինչ չասաց, ապա պատասխանեց․

― Գուցե ավելի լավ է՝ ոչինչ չասեմ։

― Ինչո՞ւ, Ջիմ։

― Դե, պատճառներ կան։ Բայց իմ մասին ոչինչ չե՞ս հայտնի, եթե պատմեմ, Հեք։

― Անիծվեմ, եթե հայտնեմ, Ջիմ։

― Լավ, հավատում եմ քեզ, Հեք։ Ես․․․ ես փախա։

― Ջիմ։

― Բայց լսիր․ խոսք տվիր, որ չասես։ Գիտե՞ս, խոսք տվիր, որ չասես, Հեք։

― Այո, խոստացա, չեմ հայտնի։ Հնդկացու ազնիվ խոսք, չեմ հայտնի։ Թող մարդիկ ինձ ստոր աբոլիցիոնիստ[5] անվանեն և արհամարհեն լուռ մնալուս համար, դա ոչ մի նշանակություն չունի։ Ես ոչ ոքի չեմ ասի, ոչ էլ կվերադառնամ նրանց մոտ։ Այնպես որ կարող ես ամեն ինչ պատմել։

― Լավ, ասեմ, թե ինչպես եղավ։ Պառավ տիրուհին, այսինքն՝ միսս Ուոթսոնը, միշտ կտցահարում էր ինձ։ Ինձ հետ շատ կոպիտ էր վարվում, թեև միշտ ասում էր, թե ինձ չի վաճառի Օռլեանում։ Բայց ես նկատում էի, որ մի նեգրավաճառ վերջին ժամանակներն անընդհատ պտույտ էր գալիս տան շուրջը։ Սկսեցի անհանգստանալ։ Մի անգամ ուշ երեկոյան թաքուն մոտեցա դռանը։ Դուռը լրիվ փակված չէր, և լսեցի, թե ինչպես պառավ տիրուհին ասում է այրուն, որ ուզում է ինձ Օռլեանում վաճառել։ Ինքը այդ բանը չի ուզում, բայց իմ դիմաց կարող է ստանալ ութ հարյուր դոլար, և դա այնքան մեծ գումար է, որ ինքը չի կարող դիմադրել ինձ վաճառելու ցանկությանը։ Այրին սկսեց նրան համոզել, որ ինձ չվաճառի, բայց ես այնքան չմնացի, որ լսեի նրա բոլոր ասածները, արագ դուրս թռա ու ծլկեցի։

Բլրից ցած իջա, մտածելով, թե գետափին, քաղաքի վերևում, մի նավակ կգողանամ, բայց այնտեղ դեռևս անցորդներ կային։ Թաքնվեցի գետափին, տակառագործի խարխուլ արհեստանոցում և սպասեցի մինչև բոլորը գնան։ Գիշերը մնացի այնտեղ։ Ամբողջ ժամանակ ինչ֊որ մեկը պտտվում էր շրջակայքում։ Առավոտյան մոտ ժամը վեցին սկսվեց մակույկների շարժումը․ գալիս֊անցնում էին իմ կողքով։ Ժամը մոտ ութին֊իննին նավակներում մարդիկ խոսում էին, թե ինչպես հայրդ եկել է քաղաք և պատմել, որ քեզ սպանել են։ Այս վերջին նավակները լցված էին պարոններով ու տիկիններով, որոնք գնում էին տեսնելու այդ վայրը։ Երբեմն նրանք նավակները քշում էին ափ՝ հանգստանալու, նախքան գետի մյուս կողմն անցնելը, և ես նրանց զրույցից իմացա սպանության մանրամասնությունները։ Ինձ շատ էր տխրեցրել քո սպանությունը, Հեք, բայց հիմա էլ չեմ տխրի։

Ամբողջ օրը քաղցած պառկեցի տաշեղների մեջ, արհեստանոցում։ Չէի վախենում․ գիտեի, որ պառավ տիրուհին և այրին նախաճաշից հետո անմիջապես գնում են ժողովարան և ամբողջ օրն անցկացնում այնտեղ։ Բացի այդ, նրանք գիտեն, որ լույսը բացվելուն պես ես կովերը տանում եմ արոտ։ Նրանց մտքով երբեք չի անցնի, թե ցերեկը ինձ տանը կգտնեն։ Մինչև երեկո, քանի դեռ չի մթնել, չեն զգա իմ բացակայությունը։ Մյուս ծառաներն էլ չեն զգա․ հենց որ պառավները տնից դուրս են գալիս, նրանք ծլկում են, գնում զբոսանքի։

Ինչ որ է։ Երբ մթնեց, դուրս եկա թաքստոցից և երկու մղոն կամ ավելի քայլեցի գետափն ի վեր, որտեղ ոչ մի տուն չկար։ Մտքումս որոշեցի, թե ինչ եմ անելու։ Հասկանալի էր․ եթե փորձեի ոտքով ավելի հեռու գնալ, միևնույն է, շները հետքս կգտնեին։ Եթե մի մակույկ գողանայի և անցնեի գետը, կիմանային, թե որտեղ եմ ցամաք դուրս եկել, և կգտնեին իմ հետքերը։ Ուստի մտածեցի, որ ինձ համար ամենահարմարը լաստն է․ հետք չի թողնի։

Տեսա ինչ֊որ լույս, որը շարժվում է գետի ոլորաններից, նետվեցի ջուրը, առջևիցս մղելով մի գերան, և լողացի մինչև գետի մեջտեղը, թաքնվեցի ջրի բերած գերանների միջև, գլուխս ցած պահելով և լողալով հոսանքին հակառակ, մինչև լաստը հասներ ինձ։ Լողացի մինչև լաստի ետնամասը և բռնեցի։ Երկինքն ամպոտ էր, և որոշ ժամանակ կատարյալ մութ էր։ Բարձրացա, պառկեցի հաստ տախտակներին։ Բոլոր մարդիկ ինձնից հեռու էին, լաստի մեջտեղում, որտեղ լապտերն էր կախված։ Գետը բարձրանում էր, և հոսանքն ուժեղ էր։ Իմ հաշվով, մինչև առավոտյան ժամը չորսը, կանցնեի քսանհինգ մղոն, կծլկեի նախքան լուսանալը, լողալով դուրս կգայի ափ ու կթաքնվեի Իլինոյսի կողմի անտառներում։

Բայց բախտս չբերեց։ Երբ մոտեցա կղզուն, մի մարդ, լապտերը ձեռքին, եկավ լաստի ետնամասը։ Ես տեսա, որ սպասելու ժամանակը չէ, և նետվեցի ջուրն ու լողացի դեպի կղզին։ Ուզում էի մի հարմար տեղ դուրս գալ ափ, բայց չէի կարողանում․ գետափը չափից ավելի գահավեժ էր։ Ստիպված լողացի մինչև կղզու ծայրը և մի լավ տեղ գտա։ Մտա անտառ, մտածելով, որ այլևս լաստի հետ խաղ անել չի կարելի, քանի դեռ մարդիկ լապտերներ առած՝ կարող են ետ ու առաջ քայլել։ Գլխարկիս մեջ պահել էի ծխամորճս, մի քիչ ծխախոտ և լուցկի։ Դրանք չէին թրջվել․ այնպես որ ամեն ինչ կարգին էր։

― Եվ այդ ամբողջ ժամանակ ո՛չ միս ունեիր, ո՛չ հաց, այնպես չէ՞։ Իսկ ինչո՞ւ ջրային կրիա չէիր բռնում։

― Ինչպե՞ս կարող ես բռնել։ Դրանց չես կարող ո՛չ բռնել, ո՛չ քարով խփել։ Ո՞վ կարող է գիշերով դրանց ճարել, իսկ ցերեկը կարո՞ղ էի գետափին երևալ։

― Այո, ճիշտ ես ասում։ Դու, իհարկե, պետք է ամբողջ ժամանակ թաքնվեիր անտառում։ Լսեցի՞ր թնդանոթի ձայնը, երբ կրակում էին գետանավից։

― Այո։ Գիտեի, որ քեզ են որոնում։ Տեսա, թե ինչպես անցան այստեղով․ թփուտների միջից նայում էի։

Այդ ժամանակ մեր մոտով մի քանի փոքրիկ թռչուն թռան։ Մեկ֊երկու յարդ թռչում էին ու իջնում։ Ջիմն ասաց, թե դա անձրև գալու նշան է։ Ասաց, որ երբ դրանք այդպես են թռչում, նշանակում է անձրև է գալու, և իր կարծիքով նույնը կարելի է ասել, երբ թռչունների ճտերն են այդպես թռչում։ Ուզում էի մի քանիսը բռնել, բայց Ջիմը թույլ չտվեց։ Ասաց, որ դա մահվան պատճառ կդառնա։ Պատմեց, որ իր հայրը մի անգամ սաստիկ հիվանդացել է․ այդ ժամանակ երեխաներից մեկը թռչուն է բռնել, և մեծ մայրը ասել է, թե հայրը կմեռնի։ Եվ իսկապես մեռել է։

Այնուհետև Ջիմն ասաց, թե եփելիս ուտելիքը չպետք է հաշվել․ դրանից դժբախտություն է գալիս։ Դժբախտություն է բերում նաև մայրամուտից հետո սեղանի սփռոց թափ տալը։ Նա ասաց նաև, որ եթե մեկը մեղվի փեթակ ունի և մեռնում է, պետք է մեղուներին այդ մասին հայտնել հաջորդ առավոտը արևածագից առաջ, այլապես մեղուները կթուլանան, կթողնեն աշխատանքն ու կսատկեն։ Ջիմի կարծիքով, մեղուները հիմարներին չեն խայթում, բայց ես չեմ հավատում, որովհետև շատ անգամ եմ փորձել, և նրանք ինձ չեն խայթել։

Մինչ այդ նման բաներ լսել էի, բայց ամեն ինչի տեղյակ չէի, իսկ Ջիմը բոլոր նշանները գիտեր։ Նա ասում էր, թե ինքը գրեթե ամեն ինչ գիտե։ Այնպես էր դուրս գալիս, որ բոլոր նշանները դժբախտության հետ են կապված։ Ես հարցրի, թե չկա՞ն բարի նշաններ։ Նա պատասխանեց․

― Շատ քիչ, և դրանք էլ մարդուն ոչ մի օգուտ չեն տալիս։ Ի՞նչ կարիք կա, որ մարդ իմանա, թե երբ է հաջողություն գալու։ Պետք է հեռու մնալ նման բաներից։

Նա ասաց նաև․

― Եթե թևերդ ու կուրծքդ մազոտ են, դա հարստանալու նշան է։ Այդ նշանի մեջ դեռ օգուտ կա, որովհետև մի օր դա կկատարվի։ Հասկանո՞ւմ ես։ Միգուցե սկզբում երկար ժամանակ աղքատ լինես, եթե այդ նշանից չիմանաս, որ հետագայում հարստանալու ես։

― Իսկ քո թևերն ու կուրծքն մազո՞տ են։ Ջիմ։

― Ի՞նչ միտք ունի այդպիսի հարց տալ։ Չե՞ս տեսնում, որ մազոտ են։

― Լավ, իսկ դու հարո՞ւստ ես։

― Ոչ, բայց մի ժամանակ հարուստ էի և նորից կհարստանամ։ Մի անգամ տասնչորս դոլար ունեի, բայց սկսեցի առևտուր անել և սնանկացա։

― Ինչի՞ առևտուր էիր անում, Ջիմ։

― Շարժական ապրանքի։

― Ի՞նչ տեսակի շարժական ապրանք էր։

― Դե, անասուն, կով, հասկանո՞ւմ ես։ Տասը դոլարով մի կով առա։ Այլևս փող չեմ ծախսի անասունների վրա։ Կովն առա թե չէ, սատկեց։

― Ուրեմն՝ կորցրիր տասը դոլար։

― Ո՛չ, ո՛չ ամբողջովին։ Կորցրի միայն մոտ ինը դոլար, վաճառեցի մորթին ու ճարպը մեկ դոլար տասը ցենտով։

― Ուրեմն քեզ մոտ մնաց հինգ դոլար և տասը ցենտ։ Այնուհետև շարունակեցի՞ր փողդ շրջանառության մեջ դնել։

― Այո։ Դու ճանաչում ես ծեր միստր Բրեդիշին պատկանող միոտանի նեգրին։ Այդ նեգրը մի բանկ հիմնեց և ասաց, որ եթե որևէ մարդ մեկ դոլար դնի իր բանկը, տարվա վերջին կստանա չորս դոլարի եկամուտ։ Բոլոր նեգրերը դրեցին իրենց ավանդը, բայց նրանք շատ փող չունեին։ Ես միակն էի, որ շատ ունեի։ Չորս դոլար ավելի էի ստանալու և ասացի, որ եթե նա ինձ այդքան չտա, ես ինքս բանկ հիմնեմ։ Դեհ, այդ նեգրը, իհարկե, ուզում էր ինձ գործից հեռու պահել․ ասաց, որ երկու բանկի համար գործ չկա։ Առաջարկեց իմ հինգ դոլարն էլ բանկը դնել, տարվա վերջին ինձ երեսունհինգ դոլար վճարելու պայմանով։

Այսպես էլ արեցի։ Կարծում էի, թե այդ երեսունհինգ դոլարն անմիջապես շրջանառության մեջ կդնեմ և գործս առաջ կգնա։ Բոբ անունով մի նեգր կար։ Գետում բռնել էր հարթ հատակով մի նավակ, և նրա տերն այդ մասին ոչինչ չգիտեր։ Ես գնեցի դա և ասացի, որ տարվա վերջին կտամ երեսունհինգ դոլար։ Բայց նույն գիշերը ինչ֊որ մեկը գողացավ նավակը, իսկ հաջորդ օրը միոտանի նեգրը հայտարարեց, որ բանկը պայթել է։ Այնպես որ մեզնից ոչ մեկը ոչ մի ցենտ չստացավ։

― Իսկ ի՞նչ արեցիր տասը ցենտը, Ջիմ։

― Դե, ուզում էի ծախսել, բայց երազ տեսա, և ինչ֊որ ձայն ինձ ասաց, թե դրամը պետք է տամ Բալում անունով մի նեգրի, որի մականունը Բալումի էշ էր։ Պետք է ասել, որ նա իսկապես հիմար է։ Բայց ասում են, թե բախտավոր է, իսկ ես բախտ չունեմ։ Երազումս ասացին, թե Բալումը պետք է տասը ցենտը շրջանառության մեջ դնի, իսկ եկամուտը տա ինձ։ Բալումը վերցրեց փողը և եկեղեցում քարոզչից լսեց, որ ով աղքատին մի բան է բաշխում, աստծուն է տալիս և դիմացը կստանա հարյուր անգամ ավելի։ Ուստի Բալումը տասը ցենտն էլ տվեց աղքատին, սպասելով, թե ինչ դուրս կգա դրանից։

― Լավ, ի՞նչ դուրս եկավ, Ջիմ։

― Ոչինչ դուրս չեկավ։ Ո՛չ ես կարողացա փողը ետ ստանալ, ո՛չ էլ Բալումը։ Սրանից հետո առանց գրավականի ոչ ոքի փող պարտք չեմ տա։ Քարոզիչն ասում էր, թե Բալումը փողս կվերադարձնի հարյուրապատիկ չափով։ Եթե ես կարողանայի ետ ստանալ իմ տասը ցենտը, շատ ուրախ կլինեի․ այդ էլ բավական էր։

― Համենայն դեպս շատ լավ կլինի, Ջիմ, եթե հետագայում մի օր նորից հարստանաս։

― Այո, այժմ էլ հարուստ եմ, եթե լավ մտածեմ։ Չէ՞ որ ես ինձ եմ պատկանում, և իմ անձը գնահատված է ութ հարյուր դոլար։ Եթե այդ գումարն ունենամ, ավելին չեմ ցանկանա։


Գլուխ իններորդ

Ուզում էի գնալ կղզու կենտրոնը, տեսնել այն վայրը, որ հայտնաբերել էի կղզին հետազոտելիս։ Ճանապարհ ընկանք և շուտով տեղ հասանք։ Կղզին ընդամենը երեք մղոն երկարություն ուներ, քառորդ մղոն լայնություն։

Դա բավական երկար, զառիթափ կողերով բլուր կամ լեռնագագաթ էր՝ մոտ քառասուն ոտնաչափ բարձրությամբ։ Մինչև հասանք գագաթը, բավական տանջվեցինք։ Լանջերը չափազանց թեք էին, մացառները՝ շատ խիտ։ Վեր մագլցելով և այս ու այն կողմ թափառելով, շուտով գտանք մի լավ, մեծ քարանձավ, որը գրեթե գագաթի վրա էր և Իլինոյսի կողմը։ Քարանձավը կլիներ երկու֊երեք սենյակի չափ, և Ջիմը կարող էր ուղիղ դիրքով կանգնել։ Ներսում զով էր։ Ջիմն ուզում էր, որ մեր իրերն անմիջապես փոխադրենք այնտեղ, բայց ես ասացի, որ կարիք չկա միշտ մագլցել վեր ու վար։

Ջիմն ասում էր, որ եթե մենք մեր մակույկը մի լավ տեղ թաքցնեինք և մեր իրերն էլ բերեինք քարանձավ, կարող էինք փախչել, թաքնվել այնտեղ։ Եթե մեկնումեկը գար կղզի, մեզ չէր գտնի առանց շների։ Բացի այդ, նա պնդեց, թե փոքրիկ թռչուններն իրեն ասել են, որ շուտով անձրև է գալու, իսկ կուզենայի՞, որ մեր իրերը թրջվեն։

Վերադարձանք, վերցրինք մակույկն ու թիավարեցինք դեպի քարանձավը։ Իրերը ներս տարանք։ Մոտակայքում որոնեցինք մի տեղ, որ ուռենու խիտ թփերի մեջ թաքցնենք մակույկը։ Կարթերից դուրս քաշեցինք մի քանի ձուկ, նորից կարթերը գցեցինք ջուրը և սկսեցինք ճաշ եփել։

Քարանձավի դուռն այնքան մեծ էր, որ կարելի էր գինու տակառը գլորելով ներս տանել։ Մուտքի մոտ հատակը մի փոքր վեր էր բարձրացած և հարթ էր ու հարմար՝ օջախի համար։ Հենց այդտեղ էլ կրակ արեցինք ու ճաշ եփեցինք։

Ներսում կապերտի փոխարեն փռեցինք մեր վերմակները և ճաշեցինք։ Մյուս բոլոր իրերը տեղավորեցինք քարանձավի խորքում։ Շուտով մթնեց։ Սկսվեց ամպրոպը։ Ուրեմն՝ թռչուններն իրավացի էին։ Վրա տվեց անձրևը, որը թափվում էր, ինչպես հեղեղ։ Ես երբեք չէի տեսել, որ քամին այդպես փչեր։ Դա ամառային իսկական փոթորիկ էր։ Այնպես մթնեց, որ դրսում ամեն ինչ կապտասև գույն ստացավ, և դա գեղեցիկ էր։ Անձրևն այնպես էր տեղում, որ մոտակա ծառերը հազիվ էին երևում․ կարծես ծածկված էին սարդոստայնով։ Քամին սաստկացավ․ կորացնում էր ծառերի կատարները և տերևները շուռ տալիս։ Ծառերի ճյուղերն այնպես էին այս ու այն կողմ նետվում, որ կարծես խելագարվել էին։ Այնուհետև, երբ ամենուրեք սև խավարն ավելի թանձրացավ, հանկարծ ամեն ինչ լուսավորվեց․ շրջակայքն այժմ պայծառ էր, ինչպես ցերեկը․ հարյուրավոր յարդերի վրա կարելի էր տեսնել ծառերի ընկղմվող ու բարձրացող գագաթները, որ քիչ առաջ բոլորովին չէին երևում։ Մի վայրկյան հետո նորից մթնեց, ինչպես վիհը։ Լսվում էր որոտի ձայնը՝ ահավոր շառաչ, ապա մռնչյուն, դղրդյուն։ Երկինքը գահավիժում էր ցած, դեպի երկրի խորքը։ Կարծես երկար սանդղաշարով դատարկ տակառներ էին գլորվում ներքև, թռչելով վեր ու վար։

― Լավ է, չէ՞, Ջիմ, ― ասացի ես, ― այստեղից ուրիշ ոչ մի տեղ չեմ ուզում գնալ։ Ինձ էլի մի կտոր ձուկ տուր և եգիպտացորենի մեկ֊երկու բլիթ։

― Դե, իմացիր, եթե Ջեկը չլիներ, դու այստեղ չէիր լինի։ Կլինեիր ներքևի անտառում, առանց ճաշի, լավ էլ կթրջվեիր մինչև ոսկորներդ, քաղցրիկս։ Վառեկները գիտեն, թե երբ է անձրև գալու, ինչպես մյուս բոլոր թռչունները։

Տասը֊տասներկու օր գետն անընդհատ բարձրանում էր, մինչև վերջապես դուրս եկավ ափերից։ Կղզու ցածրադիր մասերը երեք֊չորս ոտնաչափ խորությամբ ծածկված էին ջրով։ Նույն ձևով ծածկվել էր և Իլինոյսի ափը։ Այդ կողմերում դեպի լայնությունը այժմ մի քանի մղոն էր, բայց Միսսուրիի կողմի վրա նույնն էր մնացել՝ կես մղոն, որովհետև Միսսուրիի մոտ ափը բարձր է և զառիթափ, ինչպես պատ։

Ցերեկները մենք մակույկով պտտվում էինք կղզու շուրջը։ Անտառի խորքը շատ զով և ստվերոտ էր նույնիսկ այն ժամերին, երբ երկնքից կրակ էր թափվում։ Մենք ոլորապտույտ թափառում էինք ծառերի արանքում։ Երբեմն վազերն այնպես խիտ էին կախված լինում, որ ստիպված ետ էինք դառնում և այլ ճանապարհով գնում։ Յուրաքանչյուր տապալված մեծ ծառի վրա կարելի էր տեսնել ճագարներ, օձեր և այլ կենդանիներ։ Կղզին հեղեղվելուց մեկ֊երկու օր հետո այդ կենդանիները սովածությունից այնքան հեզ էին դարձել, որ նավակով ուղղակի կարելի էր մոտենալ և ձեռքով բռնել։ Բայց ո՛չ օձերին ու կրիաներին։ Դրանք սողալով մտնում էին ջուրը։ Այն բլրի վրա, որտեղ մեր քարանձավն էր, վխտում էին այդ կենդանիները։ Կարող էինք մեր ուզածի չափ բռնել ու բերել։

Մի երեկո բռնեցինք տախտակներից պատրաստած լաստի մի մաս՝ սոճու գեղեցիկ, հաստ տախտակներ։ Դա ուներ տասներկու ոտնաչափ լայնություն և ջրից դուրս էր մնում վեց֊յոթ մատնաչափ։ Դա հաստատուն, հարթ տախտակամած էր։ Երբեմն ցերեկը տեսնում էինք սղոցած գերաններ, բայց չէինք բռնում․ ցերեկները դուրս չէինք գալիս։

Մի անգամ գիշերը, լուսադեմին, երբ կղզու վերին ծայրում էինք, տեսանք փայտաշեն մի տուն, որ ջրի հետ գալիս էր արևմտյան կողմից։ Տունը երկհարկանի էր և զգալիորեն թեքված։ Նավակով մոտեցանք և պատուհանից մտանք երկրորդ հարկը։ Բայց շատ մութ էր և ոչինչ չէր երևում։ Մակույկն ամուր կապեցինք տնից ու նստեցինք մեջը, սպասելով լուսանալուն։

Դեռ կղզու ստորին մասը չէինք հասել, երբ լույսը բացվեց։ Պատուհանից ներս նայեցինք։ Տեսանք մի մահճակալ, մի սեղան, երկու հին աթոռ և նման բազմաթիվ այլ իրեր, որ թափված էին հատակին։ Պատից կախված էին հագուստներ։ Ինչ֊որ մի բան հեռավոր անկյունում ընկած էր հատակին և նման էր մարդու։ Ջիմը բացականչեց․

― Էյ, ո՞վ ես։

Բայց մարդը տեղից չշարժվեց։ Ես էլ ձայն տվի։ Ջիմն ասաց․

― Այս մարդը քնած չէ, մեռած է։ Դու հանգիստ սպասիր, ես մտնեմ ներս, տեսնեմ։

Նա պատուհանից ներս մտավ, թեքվեց պառկած մարդու վրա և ասաց․

― Մեռքծ է, այո, և մերկ է։ Խփված է թիկունքից․ իմ կարծիքով, երկու֊երեք օրվա սպանված է։ Ներս արի, Հեք, բայց դեմքին մի՛ նայիր, շա՜տ սարսափելի է։

Ես բոլորովին չնայեցի։ Ջիմը մի քանի հին շորով ծածկեց նրան, բայց դրա կարիքը չկար։ Առանց այն էլ ես չէի ուզում նայել։ Հատակին ցրված էին ճարպոտ խաղաթղթեր, վիսկիի հին շշեր, սև կտորից պատրաստած երկու դիմակ, իսկ պատերին ամենուրեք գրված էին չափազանց գռեհիկ բառեր ու փայտածխով նկարներ էին արված։ Պատից կախված էին երկու կեղտոտ, հին, չթե զգեստ, ծղոտե մի գլխարկ, կանացի ներքնազգեստներ, ինչպես և տղամարդու շորեր։ Մենք շատ բաներ իջեցրինք մակույկի մեջ․ կարող էին պետք գալ։ Հատակին ընկած էր տղայի մի հին, ծղոտե գլխարկ։ Ես դա էլ վերցրի։ Կար և մի շիշ, որի մեջ կաթ էր լցված եղել․ բերանը խցել էին շորով, որպեսզի երեխան կարողանար ծծել։ Մենք այդ շիշը կվերցնեինք, բայց կոտրված էր։ Կար մի հին, փոշոտված արկղ և կաշվե մաշված մի ճամպրուկ՝ ճարմանդները կոտրած։ Երկուսն էլ բաց էին, բայց դրանց մեջ ուշադրության արժանի ոչ մի բան չկար։ Նկատի ունենալով, որ իրերը թափված են ցանուցիր, եզրակացրինք, որ տերերը շտապ հեռացել են տնից և չեն կարողացել տանել իրենց ունեցվածքի մեծ մասը։

Մենք վերցրինք նաև թիթեղյա մի հին լապտեր, մսագործի անկոթ մի դանակ, «Բարլո» ֆիրմայի արտադրած գրպանի մի նոր դանակ, որը խանութում կես դոլարից էժան չէին վաճառի, մեծ քանակությամբ ճարպամոմ, թիթեղյա մի մոմակալ, մի ջրդդում, թիթեղյա մի բաժակ, բամբակե մաշված վերմակներ, կանացի մի ձեռնաքսակ՝ մեջը ասեղներ, գնդասեղներ, մեղրամոմ, թել և նման այլ բաներ։ Վերցրինք մի կացին, մեխեր, ձկնորսական մի կարթաթել, որն իմ ճկույթի հաստությունն ուներ և որի վրա կար ահռելի մեծության մի քանի կարթ, այծամի մորթու մի փաթեթ, շան կաշվե վզկապ, ձիու պայտ և մանր շշերով մի քանի դեղորայք, որոնց վրա պիտակ չկար։ Երբ պատրաստվում էինք դուրս գալ, ես գտա բավական լավ մի քերոց՝ ձիերի համար, իսկ Ջիմը գտավ ջութակի մի հին աղեղ և փայտե մի ոտք։ Փոկերը կտրել էին, բայց ընդհանրապես լավ ոտք էր, թեև ինձ համար շատ երկար էր, իսկ Ջիմի համար՝ կարճ։ Մյուս ոտքը չգտանք, չնայած շատ նայեցինք այս ու այն կողմ։

Եվ այսպես, մեր որսը վատ չէր։ Երբ պատրաստ էինք հեռանալու, կղզուց քառորդ մղոն ներքև էինք, և օրը լավ լուսացել էր։ Ջիմին պառկեցրի մակույկի մեջ և ծածկեցի վերմակով։ Եթե նստեր, տեսնողները կիմանային, որ նա փախստական նեգր է։ Թիավարեցի դեպի Իլինոյսի ափը, և ջրի հոսանքը մեզ կես մղոն տարավ ներքև։ Կանգ առանք ափի մոտ, անշարժ ջրում, առանց պատահարի և որևէ մեկին տեսնելու։ Ապահով տեղ հասանք։


Գլուխ տասներորդ

Նախաճաշից հետո ուզում էի խոսել մեռած մարդու մասին և գուշակություն անել, թե ինչպես է սպանվել, բայց Ջիմը խուսափում էր։ Նա ասաց, որ դա դժբախտություն կբերի։ Բացի այդ ասաց, որ մեռածը կարող է շրջել և այցելել մեզ․ չթաղված մարդը ավելի շատ է շրջում, քան նա, ով հանգիստ մնում է իր գերեզմանում։ Դա ինձ շատ հավանական թվաց, և ես այլևս ոչինչ չասացի, բայց չդադարեցի այդ մասին մտածել․ ուզում էի իմանալ, թե ով է սպանել նրան և ինչու։

Տնտղեցինք մեր բերած շորերը և մի հին վերարկուի աստառի մեջ գտանք արծաթե ութ դոլար։ Ջիմն ասաց, որ իր կարծիքով վերարկուն այդ տան բնակիչները գողացել են, որովհետև եթե իմանային փողի մասին, այնտեղ չէին թողնի։ Ես ավելացրի, որ հավանորեն հենց նրանք են սպանել այդ մարդուն, բայց Ջիմը չէր ուզում այդ մասին խոսել։ Ես ասացի․

― Այժմ քեզ թվում է, թե դա դժբախտություն կբերի, բայց ի՞նչ ասացիր, երբ ես ցույց տվի օձի մաշկը, որ գտել էի երեկ չէ մյուս օրը բլրի գագաթին։ Դու ասացիր, որ օձի մաշկին ձեռք տալը ամենասոսկալի աղետի նշանն է։ Ահա քո աղետը։ Մենք այսքան բան ձեռք բերինք, դրան ավելացրած ութ դոլար։ Ես կցանկանայի, որ ամեն օր այսպիսի դժբախտություն գար մեր գլխին, Ջիմ։

― Դա ոչինչ չի նշանակում, քաղցրիկս, ոչինչ չի նշանակում։ Շատ մի՛ ոգևորվիր։ Փորձանք դեռ կգա, հիշիր ասածս, դեռ կգա։

Եվ, իսկապես եկավ։ Այդ մասին խոսում էինք երեքշաբթի օրը։ Ուրբաթ օրը պառկած էինք կանաչ խոտերին, բլրի վերին ծայրում։ Մեր ծխախոտը վերջացավ։ Գնացի քարանձավ ծխախոտ բերելու և այնտեղ տեսա մի բոժոժավոր օձ։ Սպանեցի և գալարելով դրեցի Ջիմի վերմակի ծայրին, իբրև կենդանի օձ, կարծելով թե լավ կատակ կլինի, երբ Ջիմը տեսնի։ Երեկոյան բոլորովին մոռացել էի օձի մասին և, մինչ վառում էի լույսը, Ջիմը փռվեց վերմակի վրա։ Օձն այնտեղ էր և խայթեց նրան։

Ջիմը գոռալով վեր թռավ։ Առաջին բանը, որ տեսա լույսը վառելիս, այն էր, որ այդ գարշելի սողունը գալարվելով բարձրացավ և պատրաստվում էր նորից ցատկել Ջիմի վրա։ Մի վայրկյանում փայտի հարվածով փակեցի օձի հաշիվը։ Ջիմն իսկույն վերցրեց հորս վիսկիի սրվակը և դատարկեց։

Նա բոբիկ էր, և օձը կծել էր հենց կրունկը։ Այդ բոլորի պատճառն այն էր, որ ես հիմարաբար մոռացել էի մի բան․ որտեղ սատկած օձ թողնես, ընկերը միշտ կգա և կփաթաթվի շուրջը։ Ջիմն ինձ ասաց, որ կտրեմ օձի գլուխը, դեն գցեմ, ապա մաշկեմ ու մարմնից մի կտոր խորովեմ։ Ես կատարեցի այդ պատվերը։ Նա կերավ խորովածը, ասելով, թե դա կօգնի իր բուժմանը։ Նա խնդրեց նաև բոժոժները պոկել ու կապել իր բազուկին․ ասաց, թե դա էլ կօգնի։ Ապա ես լուռ դուրս եկա քարանձավից և օձերը շպրտեցի թփուտների մեջ․ չէի ուզում Ջիմն իմանար, որ դա ամբողջապես իմ հանցանքն է։

Ջիմն անընդհատ ծծում էր սրվակից, երբեմն կորցնում իրեն, վեր նետվում ու գոռում, բայց ամեն անգամ, երբ խելքը գլուխն էր գալիս, նորից սկսում էր սրվակից ծծել։ Նրա ոտքը բավական ուռեց, ուռուցքը բարձրացավ վեր, դեպի սրունքը։ Շուտով խմիչքը ցույց տվեց իր զորությունը, և ես զգում էի, որ նա իրավացի էր, չնայած մտածում էի, թե ավելի լավ էր՝ օձն ինձ խայթեր, քան հորս վիսկին նա այդպես խմեր։

Ջիմը չորս օր պառկեց։ Այնուհետև ուռուցքն իջավ, և նա իրեն նորից լավ զգաց։ Մտքումս որոշեցի այլևս ձեռք չտալ օձի մաշկի, մանավանդ երբ տեսա, թե դրանից ինչեր են դուրս գալիս։ Ջիմն ասաց, թե իր կարծիքով այսուհետև պետք է հավատամ իր խոսքերին։ Օձի մաշկին ձեռք տալը, ասաց նա, այնպիսի ահավոր փորձանք կբերի, որ գուցե չարիքի վերջը միայն խայթելը չէ։ Նրա կարծիքով հազար անգամ ավելի լավ է ձախ ուսի վրայից նայել նորալուսնին, քան ձեռք տալ օձի մաշկին։ Դե, ինքս էլ սկսեցի այդպես մտածել, չնայած միշտ կարծում էի, թե ձախ ուսի վրայից նորալուսնին նայելը ամենահիմար բանն է։ Ծերուկ Հենք Բանքերը մի անգամ այդպես ամբարտավանացել էր և դեռ երկու տարի էլ չանցած հարբել ու վայր էր ընկել մանրագնդակ ձուլող գործարանի աշտարակից։ Այնպես էր ջարդվել, որ մակույկ էր դարձել։ Նրան դրել էին ոչ թե դագաղի մեջ, այլ մարագի երկու դռան արանքը և այդպես թաղել։ Դա, իհարկե, լսել էի, չէի տեսել։ Հայրս էր պատմել։ Այնուամենայնիվ, այդ ամենը եղել էր լուսնին հիմարաբար նայելուց։

Օրերն անցնում էին։ Գետը նորից քաշվեց իր ափերի մեջ։ Մեր առաջին գործն այն եղավ, որ մեծ կարթերից մեկին որպես խայծ կպցրինք մաշկած մի ճագար և գցեցինք ջուրը։ Բռնեցինք մի մեծ լոքո՝ մարդու չափ, վեց ոտնաչափ երկու մատնաչափ երկարությամբ։ Կշռում էր մոտ երկու հարյուր ֆունտ։ Մենք, իհարկե, չէինք կարող ջրից հանել․ նա մեզ կքաշեր Իլինոյսի մեջ։ Նստեցինք և նայեցինք, թե ինչպես է ձուկը թպրտում ու պատառոտում ինքն իրեն մինչև սատկելը։

Լոքոյի ստամոքսում գտանք արույրե մի կոճակ, մի կլոր գնդակ և շատ ուրիշ զիզի֊բիզի բաներ։ Կացնով պատռեցինք գնդակը և մեջը գտանք թելի մի կոճ։ Ջիմն ասաց, թե կոճը երկար ժամանակ պետք է այնտեղ եղած լինի, քանի որ այդպես ծածկվել է այլ նյութերով, գնդակ դարձել։ Այնքան մեծ էր ձուկը, որ դժվար թե դրա նմանը Միսսիսիպիում երբևէ բռնած լինեին։ Ջիմն ասաց, թե դրանից մեծ ձուկ կյանքում դեռ չի տեսել։ Դա գյուղում պետք է որ մեծ արժեք ունենար։ Այդ ձուկը կտրատում և շուկայում վաճառում են ֆունտերով։ Բոլորն էլ մի քիչ գնում են։ Այդ ձկան միսը ձյան պես սպիտակ է և շատ լավ է տապակվում։

Հաջորդ առավոտյան ես ասացի, թե մեր կյանքն այստեղ ծանր ու տաղտկալի է դառնում, և ուզում եմ տեղափոխվել։ Ասացի, թե մտադիր եմ անցնել գետի մյուս ափը և իմանալ, թե ինչ կա, ինչ չկա։ Ջիմին դուր եկավ այդ միտքը, բայց ասաց, թե պետք է գիշերը գնալ և շրջահայաց, զգույշ լինել։ Նա նորից ծանր ու թեթև արեց այս հարցը և ասաց, թե արդյոք հնարավոր չէ՞ կանացի հին շորեր հագնել։ Դա նույնպես լավ առաջարկություն էր։ Կարճացրինք չթե զգեստներից մեկը, շալվարիս ծայրերը ծալեցի մինչև ծնկներս, մտա զգեստի մեջ։ Ջիմը ետևից կարթերով ամրացրեց։ Շատ լավ ստացվեց։ Գլխիս դրեցի ծղոտե գլխարկը, թելով կապեցի ծնոտիս տակ, որից հետո իմ դեմքին նայելը հավասար էր վառարանի խողովակի մեջ նայելուն։ Ջիմն ասաց, որ հազիվ թե ինձ ճանաչեն, նույնիսկ ցերեկով։

Ամբողջ օրը վարժություններ էի կատարում, որ ընտելանամ կանացի զգեստներին։ Շուտով սովորեցի բավական հաջող շարժվել դրանց մեջ։ Միայն Ջիմն ասաց, թե աղջկա նման չեմ քայլում։ Ասաց, որ վերջ տամ զգեստս քաշելու և ձեռքերս շալվարիս գրպանները դնելու սովորությանը։ Ես հաշվի առա նրա դիտողությունը, և գործն ավելի հաջող գնաց։

Մութն ընկնելուն պես մակույկով շարժվեցի դեպի Իլինոյսի ափը։

Գետն անցա քաղաքի ուղղությամբ և դիմացի ափը հասա գետանավերի կայանից մի քիչ ներքև։ Հոսանքն ինձ քշեց քաղաքի ծայրամասը։ Կապեցի մակույկը և բարձրացա գետափն ի վեր։ Մի փոքրիկ հյուղակում, որտեղ երկար ժամանակ ոչ ոք չէր ապրում, լույս էր վառվում։ Հարցրի ինքս ինձ, թե ով կարող է լինել։ Մոտեցա և պատուհանից գաղտագողի նայեցի։ Ներսում կար մի կին, մոտ քառասուն տարեկան։ Եղևնափայտե սեղանին դրված մոմի լույսի տակ ինչ֊որ բան էր հյուսում։ Դեմքն ինձ ծանոթ չէր։ Նա պետք է ուրիշ տեղից եկած լիներ, որովհետև քաղաքում չկար մի մարդ, որն ինձ անծանոթ լիներ։ Բախտս բերեց, թե չէ սկսում էի տատանվել, վախենում էի գալուս համար։ Մարդիկ կարող էին ձայնիցս ճանաչել, հայտնաբերել ինձ։ Բայց եթե այս կինը նման փոքրիկ քաղաքում արդեն երկու օր ապրել է, ապա կարող է պատմել այն ամենը, ինչ ուզում եմ իմանալ։ Բախեցի դուռը, նորից մտքումս կրկնելով, թե չպետք է մոռանամ, որ ներկայանում եմ որպես աղջիկ։


Գլուխ տասնմեկերորդ

― Ներս եկեք, ― ասաց կինը, և ես մտա սենյակ։ ― Նստիր, ― ասաց նա։

Նստեցի։ Նա վերից֊վար նայեց ինձ իր մանրիկ, շողշողուն աչքերով ու հարցրեց․

― Ի՞նչ է անունդ։

― Սառա Ուիլյմաս։

― Որտե՞ղ ես ապրում, այստեղ մոտակայքո՞ւմ։

― Ոչ, տիկին, Հուքըրվիլում, յոթ մղոն ներքև։ Ամբողջ ճանապարհը ոտքով եմ անցել և շատ հոգնած եմ։

― Ինչպես և քաղցած ես, կարծում եմ։ Հիմա ուտելու մի բան կբերեմ քեզ համար։

― Ոչ, տիկին, քաղցած չեմ։ Այնքան քաղցած էի, որ ստիպված եղա կանգ առնել մոտակա ագարակում, երկու մղոն ներքև․ այլևս քաղցած չեմ։ Ուշանալու պատճառը սա է։ Մայրս հիվանդ պառկած է, դրամ չունի, ոչինչ չունի, և եկել եմ այդ մասին հայտնելու հորեղբայր Աբներ Մուրին։ Մայրս ասում է, որ նա ապրում է քաղաքի վերին մասում։ Ես երբեք նրա մոտ չեմ եղել։ Դուք ճանաչո՞ւմ եք հորեղբորս։

― Ոչ, ես ոչ ոքի չեմ ճանաչում։ Երկու շաբաթ էլ չկա, որ այստեղ եմ։ Քաղաքի վերին ծայրը այստեղից բավական հեռու է։ Ավելի լավ է՝ գիշերը մնաս մեր տանը։ Հանիր գլխարկդ։

― Ոչ, ― պատասխանեցի ես, ― մի քիչ կհանգստանամ ու կշարունակեմ ճանապարհս․ խավարից չեմ վախենում։

Նա ասաց, որ չի թողնի մենակ գնամ։ Շուտով ամուսինը տուն կգա, երևի մեկուկես ժամ հետո, և նա ինձ կուղեկցի։ Այնուհետև սկսեց խոսել իր ամուսնու, ազգականների մասին, որոնք ապրում են գետի վերին հոսանքի մոտ, ինչպես և այն ազգականների մասին, որ ապրում են ներքևում։ Պատմեց, թե ինչպես առաջ ինքն ու ամուսինը լավ են ապրել և ինչպես չեն իմացել, որ սխալվում են մեր քաղաքը տեղափոխվելով․ թող երկուսով լինեին։ Եվ այլն և այլն։ Ես արդեն սկսեցի մտածել, թե արդյոք չե՞մ սխալվել, որ այստեղ եմ եկել քաղաքի անցուդարձը իմանալու։ Բայց նա շուտով անցավ հորս և իմ սպանվելու հարցին։ Ես արդեն հաճույքով թողեցի, որ այդ մասին նա երկար խոսի։ Պատմեց իմ ու Թոմ Սոյերի գտած տասներկու հազար դոլարի մասին (միայն թե նրա ասած թիվը քսան հազար դոլար էր), ամեն ինչ պատմեց հորս մասին, հայտնելով, թե նա ինչ դառը ճակատագիր է ունեցել, ինչպես և ես։ Վերջապես հասավ այնտեղ, թե ինչպես են սպանել ինձ։ Ես ասացի․

― Ո՞վ է արել այդ։ Հուքըրվիլում շատ բան եմ լսել այդ դեպքի մասին, միայն չգիտենք, թե ով է այն մարդը, որ սպանել է Հեք Ֆիննին։

― Դե, կարծում եմ այստեղ էլ շատ մարդիկ կան, որոնք կուզենային իմանալ, թե ով է սպանել։ Որոշ մարդիկ կարծում են, թե ծերուկ Ֆիննը ինքն է արել։

― Ո՜չ, մի՞թե։

― Սկզբում մեծամասնությունը այդ կարծիքին էր։ Ծերուկ Ֆիննը երբեք չի իմանա, թե ինքը որքան մոտեցել էր Լինչի դատաստանին։ Բայց դեռ գիշերը չանցած կարծիքը փոխվեց․ սկսեցին մտածել, թե այդ բանը կատարել է փախած մի նեգր, անունը՝ Ջիմ։

― Բայց նա․․․

― Ես կանգ առա։ Մտածեցի, թե ավելի լավ է լռեմ։ Նա շարունակեց և չնկատեց, թե ես ինչ֊որ բան ասացի։

― Նեգրը փախել է հենց այն երեկո, երբ սպանվել է Ֆիննը։ Գտնողին խոստացել են երեք հարյուր դոլարի պարգև։ Երկու հարյուր դոլար էլ խոստացել են ծերուկ Ֆիննին գտնելու համար։ Սա, գիտե՞ք, սպանությունից հետո առավոտյան եկել է քաղաք, հայտնել դեպքի մասին, եղել է գետանավով մարմինը որոնող խմբի հետ և դրանից անմիջապես հետո փախել։ Իրիկնադեմին ուզել են նրան Լինչի դատաստանի ենթարկել, բայց արդեն փախած է եղել։ Հաջորդ առավոտյան փախած է լինում և նեգրը։ Սպանության երեկոյան ժամը տասից հետո ոչ ոք նրան չի տեսել։ Ոճրագործությունը վերագրում են նրան։ Հաջորդ առավոտյան, երբ ամենուրեք այդ մասին էին խոսում, հանկարծ վերադառնում է ծերուկ Ֆիննը, գնում դատավոր Թըչերի մոտ և աղմկում, պահանջում փողը, որպեսզի ինքը Իլինոյսով գնա որոնի նեգրին։ Դատավորը որոշ գումար տալիս է, և նույն երեկո ծերուկը հարբում է, սարսափելի դեմքով երկու անծանոթ մարդկանց հետ թափառում փողոցներում, ապա նրանց հետ անհետանում։ Ահա, մինչև այժմ նա չի վերադարձել, և այստեղ մտածում են, թե նա չի վերադառնա մինչև հարցը որոշ չափով խաղաղվի։ Այժմ մարդիկ կարծում են, թե նա է իր որդուն սպանել և այնպես սարքել, որ ժողովուրդը մտածի, թե ավազակներն են արել։ Այնուհետև նա Հեքի փողը կստանա առանց դատական երկար ու բարակ գլխացավանքի։ Մարդիկ ասում են, թե նա ընդունակ չէ այդպիսի գործի, բայց իմ կարծիքով նա, օ՜, ինչ խորամանկ է։ Եթե մեկ տարի չվերադառնա, այլևս ոչ մի վատ բան չի լինի նրա համար, և ոչ մի բան հնարավոր չի լինի հաստատել․ ամեն ինչ խաղաղված կլինի, և ծերուկը վրա կտա Հեքի փողերին, առանց որևէ դժվարության։

― Այո, տիկին, ես էլ եմ այդպես կարծում։ Ես ոչ մի արգելք չեմ տեսնում նրա ճանապարհին։ Ոչ ոք արդեն չի մտածում, թե նեգրն է այդ արել, չէ՞։

― Ոչ, ո՛չ բոլորը։ Շատ մարդիկ կան, որ կարծում են, թե նեգրն է արել։ Բայց շուտով այդ նեգրին կբռնեն և նրանից ճշմարտությունը կիմանան։

― Ինչպե՞ս, մի՞թե այժմ էլ հետևում են նրան։

― Է՜, շա՜տ միամիտն ես։ Երեք հարյուր դոլարը հո փողոցում ընկած չէ՞, որ մարդիկ վերցնեն։ Ոմանք կարծում են, թե նեգրը այստեղից շատ հեռու չէ։ Ես էլ դրանցից մեկն եմ, թեև այդ մասին ոչինչ չեմ ասում։ Մի քանի օր առաջ խոսում էի մի ծերունու ու նրա կնոջ հետ, որոնք ապրում են մեր կողքի փայտաշեն խրճիթում։ Ի միջի այլոց հայտնեցին, որ հազիվ թե որևէ մեկը գնացած լինի դիմացի կղզին՝ Ջեքսոնի կղզին։ Ես հարցրի, թե այնտեղ ոչ ոք չի՞ ապրում։ Ոչ, ոչ ոք, ― պատասխանեցին նրանք։ Ես այլևս ոչինչ չասացի, բայց սկսեցի այդ մասին մտածել։ Դրանից երկու֊երեք օր առաջ ես որոշակիորեն ծուխ նկատեցի, որ բարձրանում էր կղզու վերին ծայրից, և ինքս ինձ ասացի, թե արդյոք դա այնտեղ թաքնված նեգրը չէ՞։ Այնուամենայնիվ, մտածեցի, արժե նեղություն կրել և հետախուզել այդ վայրը։ Դրանից հետո էլ ծուխ չեմ նկատել․ կարծում եմ, որ այնտեղից գնացած կլինի, եթե իսկապես դա նա էր։ Բայց ամուսինս մեկի հետ գնալու է այնտեղ։ Նա գետով բարձրացել էր վեր, այսօր է վերադարձել։ Երկու ժամ առաջ, երբ եկավ, ես ամեն ինչ պատմեցի։

Ես այնքան էի հուզվել, որ հանգիստ նստել չէի կարողանում։ Որոշեցի ձեռքերս մի բանով զբաղեցնել։ Սեղանից վերցրի ասեղը, սկսեցի թել անցկացնել, բայց ձեռքերս դողում էին, ոչինչ չէր ստացվում։ Երբ կինը դադարեց խոսելուց, ես վեր նայեցի։ Նա բավական ուշադիր նայեց ինձ ու մի փոքր ժպտաց։ Ասեղն ու թելը ցած դրեցի, իբր թե շատ էի հետաքրքրվում նրա խոսքերով (և իսկապես հետաքրքրվում էի), ապա ասացի․

― Երեք հարյուր դոլար․ մեծ փող է։ Ի՜նչ լավ կլիներ, եթե այդ գումարը մորս ձեռքն ընկներ։ Ձեր ամուսինը այս գիշե՞ր է գնալու։

― Այո, իհարկե։ Նա գետով վեր է բարձրացել այն մարդու հետ, որի մասին խոսեցի, որպեսզի մակույկ ձեռք բերի և տեսնի, թե հնարավոր չէ՞ փոխարինաբար հրացան վերցնել։ Նրանք կղզին կգնան, երբ կեսգիշերն անցնի։

― Ավելի լավ չէի՞ն տեսնի, եթե սպասեին մինչև լուսաբաց։

― Այո, բայց չէ՞ որ այդ դեպքում նեգրն էլ լավ կտեսնի։ Կեսգիշերից հետո հավանորեն քնած կլինի, և նրանք կարող են անտառի միջով գաղտագողի մոտենալ, մթության մեջ ավելի լավ նկատել կրակը, եթե նեգրը խարույկ վառած լինի։

― Ես այդ մասին չէի մտածել։

Կինը շարունակեց հետաքրքրությամբ նայել ինձ, և ես շատ անհանգիստ էի զգում։ Շուտով նա ասաց․

― Ասացիր, ինչպես էր անո՞ւնդ, հոգյակ։

― Մ․․․ Մերի Ուիլյամս։

― Ինձ թվաց, թե սկզբում «Մերի» չէի ասել, ուստի գլուխս չբարձրացրի։ Թվում էր, թե «Սառա» էի ասել։ Ինձ պատին դեմ արածի պես էի զգում։ Վախենում էի, թե այդ բանը կերևա իմ աչքերից։ Ուզում էի, որ այդ կինը ուրիշ բաներից խոսեր։ Որքան նա լռում էր, այնքան ավելի էի անհանգստանում։ Վերջապես նա ասաց․

― Հոգյակս, կարծես ասացիր «Սառա», երբ նոր եկար։

― Օ՜, այո, տիկին, այդպես ասացի․ Սառա֊Մերի Ուիլյամս, իմ անունը Սառա է։ Ոմանք Սառա են ասում, ոմանք էլ Մերի։

― Ա՜, ուրեմն այդպես։

― Այո, տիկին։

Այժմ ինձ ավելի լավ էի զգում, բայց ուզում էի այդտեղից դուրս պրծնել։ Վերև նայել դեռևս չէի կարող։

Այնուհետև կինն սկսեց խոսել իրենց մասին, թե որքան ժամանակը ծանր է անցնում և որքան աղքատ են ապրում, թե ինչպես առնետներն իրենց ազատ են զգում․ կարծես տան տերերը նրանք լինեն։ Եվ այլն, և այլն։ Այնպես որ ես ինձ նորից հանգիստ էի զգում։ Առնետների մասին նրա ասածը ճիշտ էր։ Անկյունում հաճախ երևում էին առնետները, քթները բներից դուրս ցցած։ Կինն ասում էր, թե ինքը մենակ ժամանակ իր մոտ պատրաստ քարեր, ձողեր է պահում, որպեսզի շպրտի նրանց վրա, այլապես դրանք իրեն հանգիստ չեն թողնի։ Նա ինձ ցույց տվեց կապարի մի ձող, որ ոլորել, հանգույց էր դարձրել, և ասաց, որ ինքը դրանով լավ նշան է բռնում, բայց մի երկու ժամ առաջ ձեռքը ոլորվել է և չգիտե՝ էլի կարո՞ղ է ճիշտ նշան բռնել։ Սպասում էր առիթի։ Շուտով այդ ձողը շպրտեց առնետի վրա, բայց նպատակին չհասավ և բացականչեց «ա՜խ»։ Թևը ցավեց։ Ապա ասաց, որ հաջորդ անգամ ես փորձեմ։ Ուզում էի հեռանալ, նախքան ամուսնու գալը, բայց, իհարկե, իմ անհանգստությունը արտաքուստ ցույց չէի տալիս։ Ես վերցրի կապարը, շպրտեցի առաջին առնետի վրա, որը ցույց տվեց իր քիթը։ Եթե առնետը իր տեղում մնար, լավ հարված կստանար։ Կինն ասաց, թե հրաշալի նետեցի և երևի հաջորդ անգամ անպայման կխփեմ նպատակին։ Նա գնաց կապար բերեց և մի կծիկ էլ թել։ Ուզում էր, որ իրեն օգնեմ։ Ես պարզեցի ձեռքերս, նա կծիկը տվեց իմ ձեռքը, շարունակեց խոսել իր ամուսնու և գործերի մասին։ Բայց շուտով ընդհատեց խոսակցությունն ու ասաց․

― Աչքդ առնետների վրա պահիր։ Ավելի լավ է կապարը գոգդ դնես, որ պատրաստ լինի։

Եվ նա կապարը անմիջապես գցեց գոգս։ Ես այն բռնեցի ծնկներովս։ Կինը շարունակեց խոսել, բայց րոպե էլ չէր անցել, երբ թելը վերցրեց ձեռքիցս, ուղիղ նայեց իմ դեմքին և սիրալիր ասաց․

― Դե, այժմ քո իսկական անունն ի՞նչ է։

― Ի֊ի՞նչ տիկին։

― Իսկական անունդ ի՞նչ է։ Բի՞լ է, Թո՞մ, թե՞ Բոբ, վերջապես ի՞նչ է։

Խոստովանում եմ, որ տերևի պես դողում էի, մոռացել էի անելիքս, բայց ասացի․

― Խնդրում եմ, ես խեղճ աղջիկ եմ և ինձ հետ կատակ մի՛արեք, տիկին։ Եթե ես խանգարում եմ, կարող եմ․․․

― Ոչ, չես խանգրում։ Նստիր և մնա տեղումդ։ Ես չեմ պատրաստվում ո՛չ քեզ վնասել, ո՛չ էլ քո մասին որևէ տեղ հայտնել։ Դու միայն ասա քո գաղտնիքը և վստահ եղիր ինձ վրա։ Ես քո գաղտնիքը չեմ հայտնի։ Դեռ ավելին․ կօգնեմ քեզ, նույնը և իմ ամուսինը, եթե օգնության կարիք լինի։ Տեսնում եմ, որ վարպետի աշակերտ ես և փախել ես, ուրիշ ոչինչ։ Քեզ հետ վատ են վարվել, դու որոշել ես փախչել։ Աստված քեզ հետ, որդիս, ես քո մասին ոչինչ չեմ ասի։ Այժմ ամեն ինչ պատմիր ինձ, դու լավ տղա ես։

Ասացի, որ կեղծելն այլևս իմաստ չունի, և բաց սրտով ամեն ինչ կպատմեմ, միայն թե նա էլ իր խոստումը չպետք է դրժի։ Պատմեցի, որ իմ հայրն ու մայրը մեռել են, որից հետո ինձ օրինական կերպով հանձնել են մի ագարակատիրոջ, գետից երեսուն մղոն այն կողմ։ Ագարակատերն այնքան վատ է վարվել ինձ հետ, որ այլևս չեմ կարողացել դիմանալ։ Իմ տերը երկու օրով տեղ է գնացել, և ես, օգտվելով առիթից, գողացել եմ նրա աղջկա հին շորերի մի մասն ու փախել։ Երեսուն մղոնն անցել եմ երեք գիշեր։ Ճանապարհորդել եմ գիշերով, թաքնվել ու ամբողջ ցերեկը քնել։ Օգտագործել եմ տնից վերցրած մի տոպրակ հացն ու միսը, և դա լի ու լի ինձ բավարարել է ամբողջ ճանապարհին։ Ասացի, ահա թե ինչու եկա այստեղ՝ Գոշեն։

― Գոշե՞ն, որդիս։ Սա Գոշեն չէ։ Սա Սանկտ֊Պետերբուրգն է։ Գոշենը գետից դեպի վեր տասը մղոն այն կողմն է։ Ո՞վ ասաց, թե սա Գոշենն է։

― Լուսաբացին մի մարդ հանդիպեցի։ Նա այդպես ասաց, երբ ես պատրաստվում էի մտնել անտառ՝ սովորականի նման քնելու։ Նա ասաց, թե որտեղ ճանապարհները հատվում են, ես պետք է աջ թեքվեմ և հինգ մղոն անցնելուց հետո կհասնեմ Գոշեն։

― Հավանաբար հարբած է եղել։ Նա բոլորովին սխալ է ասել։

― Դե, վարվել է հարբածի պես, բայց այդ մասին խոսելն այժմ միտք չունի։ Պետք է շարունակեմ ճանապարհս։ Մինչև լուսաբացը պետք է հասնեմ Գոշեն։

― Մի րոպե սպասիր, քիչ ուտելու բան տամ։ Գուցե դրա կարիքն ունենաս։

Նա մի քիչ ուտելիք տվեց ու ասաց․

― Ասա ինձ, երբ կովերը նստած են լինում, ինչպե՞ս են վեր կենում․ նախ ետևի ոտքերի վրա՞ են բարձրանում, թե՞ առջևի։

― Ետևի, տիկին։

― Իսկ ձիե՞րը։

― Առջևի, տիկին։

Ծառերի ո՞ր կողմի վրա է մամուռն աճում։

― Հյուսիսային։

― Եթե բլրի կողքին տասնհինգ կով են արածում, դրանցից քանի՞սն են արածում գլուխները միևնույն ուղղությամբ պահած։

― Բոլորն էլ նույն ուղղությամբ են պահում, տիկին։

― Հիմա հավատում եմ, որ գյուղական վայրում ես ապրել։ Կարծում էի, թե գուցե նորից ես փորձում ինձ խաբել, ի՞նչ է իսկական անունդ։

― Ջորջ Պիտերս, տիկին։

― Լավ, աշխատիր մտքումդ պահել այդ անունը, Ջորջ։ Քանի այստեղ ես, չասես, թե անունդ Ալեքսանդր է։ Բռնվելիս էլ չասես, թե Ջորջ Ալեքսանդրն ես։ Չթե այդ հին զգեստով կանանց աչքին չերևաս։ Բավական անհաջող ես աղջկա դեր կատարում, բայց գուցե տղամարդկանց կարողանաս խաբել։ Աստված քեզ հետ, որդիս։ Երբ ուզում ես ասեղի մեջ թել անցկացնել, թելը անշարժ մի՛ բռնիր ու ասեղը մի՛ մոտեցրու թելին․ ասեղն անշարժ պահիր ու թելը մտցրու անցքով։ Կանայք մեծ մասամբ այդպես են անում, բայց տղամարդիկ՝ հակառակը։ Երբ առնետի կամ որևէ բանի վրա իր ես գցում, մի քիչ ձգվիր, կանգնիր ոտքերիդ մատներին, ձեռքդ դիր գլխիդ, հնարավորին չափ անճարակ ձևով, և այնպես արա, որ վեց֊յոթ ոտնաչափ հարվածդ վրիպի, առնետից հեռու դիպչի։ Նետիր թևդ ամբողջ երկարությամբ պարզած, այնպես որ կարծես առանցք կա, որի շուրջը դառնում է ամբողջ թևը։ Աղջիկներն այդպես են գցում և ոչ թե դաստակի ու արմունկի շարժումով, ինչպես տղաները։ Հիշիր, որ երբ մի աղջիկ փորձում է բան պահել իր գոգում, ծնկները հեռացնում է իրարից, չի խփում իրար, ինչպես դու արեցիր, երբ կապարի կտորը բռնեցիր։ Ես քո տղա լինելը նկատեցի դեռ ավելի առաջ, երբ ասեղի մեջ թել էիր անցկացնում, իսկ մյուս բաները դիտմամբ անել տվեցի, որպեսզի լրիվ համոզվեմ։ Այժմ վազիր քո հորեղբոր մոտ, Սառա Մերի Ուիլյամս Ջորջ Ալեքսանդր Պիտերս։ Իսկ եթե նեղության մեջ ընկնես, տեղյակ պահիր միսիս Ջութիդ Լոֆթսին, այսինքն՝ ինձ, և ես կանեմ այն ամենը, ինչ կարող եմ, քեզ նեղությունից դուրս բերելու համար։ Մինչև Գոշեն երբեք գետափնյա ճանապարհից դուրս չգաս և եթե երբևէ փախչես, քեզ հետ կոշիկ ու գուլպա վերցրու։ Ճանապարհը քարքարոտ է, և ես կարծում եմ, որ ոտքերիդ բանը բուրդ կլինի, մինչև հասնես Գոշեն։

Մոտ հիսուն յարդ ես քայլեցի գետափն ի վեր, ապա ետ դարձա, կրկնապատկելով իմ ոտնահետքերը և վազեցի այն վայրը, ուր պահել էի մակույկս, այդ տնից բավական հեռու, ներքևում։ Ցատկեցի մակույկիս մեջ և շտապ հեռացա։ Թիավարեցի հոսանքին հակառակ ուղղությամբ այնքան, մինչև հասա կղզու վերին ծայրը և սկսեցի կտրել֊անցնել գետը։ Հանեցի գլխարկս․ այլևս չէի ուզում աչքերս քողարկել։ Երբ հասա գետի մեջտեղը, լսեցի ժամացույցի զարկերի ձայնը։ Կանգ առա ականջ դնելու։ Ձայնը ջրի վրա թույլ էր, բայց պարզ էր լսվում․ ժամը տասնմեկն էր։ Երբ հասա կղզու վերին ծայրը, կանգ չառա հանգստանալու, թեև ուժասպառ էի եղել։ Վազեցի անտառ, որտեղ իմ նախկին ապաստարանն էր, և բարձր, չոր տեղում մի լավ խարույկ վառեցի։ Ապա ցատկեցի մակույկի մեջ և ամբողջ ուժով շտապեցի դեպի մեր նոր ապաստարնաը, որը մեկևկես մղոն ներքև էր։ Դուրս եկա գետափ, անտառով բարձրացա բլուրը, հասա մեր քարանձավը։ Ջիմն այնտեղ, գետնին պառկած՝ խորը քնել էր։ Արթնացրի ու ասացի․

― Վե՛ր կաց գնանք, Ջիմ։ Ոչ մի րոպե չպետք է կորցնել։ Մեզ որոնում են։

Ջիմը ոչ մի հարց չտվեց, ոչ մի բառ չարտասանեց, բայց հաջորդ կես ժամվա աշխատանքի եղանակը ցույց էր տալիս, թե որքան է վախեցել։ Շուտով մեր ամբողջ ունեցվածն արդեն լաստի վրա էր, և մենք պատրաստ էինք դուրս գալ թաքստոցից՝ ուռենիներով ծածկված խորշիկից։ Ամենից առաջ հանգցրինք քարանձավի կրակը, որից հետո նույնիսկ մոմ չվառեցինք։

Ես մակույկով ափից քիչ հեռացա դիտումներ կատարելու։ Եթե գետի վրա այլ նավակ լիներ, միևնույն է, չէի կարող տեսնել, որովհետև այդ խավար ժամին միայն աստղերի լույսով լավ տեսնել հնարավոր չէ։ Դուրս բերինք լաստը, ափի ստվերով սահեցինք և մեռելային լռության մեջ, առանց մի բառ ասելու, անցանք կղզու ներքին ծայրը։


Գլուխ տասներկուերորդ

Պետք է գիշերվա ժամը մեկը լիներ, երբ վերջապես կղզին թողեցինք հյուսիսում՝ մեր ետևում, բայց թվում էր, թե լաստը շատ դանդաղ է գնում։ Եթե նավակ պատահեր, կնստեինք մեր մակույկը և կթիավարեինք դեպի Իլինոյսի ափը։ Բայց լավ էր, որ նավակ չհանդիպեցինք, թե չէ մենք մոռացել էինք մակույկի մեջ դնել հրացան, ձկորսական կարթ կամ ուտելիք։ Մենք առանց այն էլ շատ էինք քրտնել և չէինք կարող ամեն ինչի մասին մտածել։ Իհարկե, խելոք չէինք վարվել, որ ամեն ինչ լաստի վրա էինք դրել։

Եթե մարդիկ գնային կղզի՝ Ջիմին որոնելու, հավանորեն կգտնեին իմ պատրաստած խարույկը և ամբողջ գիշերը կսպասեին, որ Ջիմը գա այնտեղ։ Այդ ձևով նրանք մեզնից հեռու կլինեին, իսկ եթե իմ սարքած խարույկը չխաբեր նրանց, ապա դրա համար ես հանցավոր չէի․ նրանց մոլորեցնելու համար այդ խաղը կարողացածիս չափ լավ էի խաղացել։

Երբ լուսանալու առաջին նշույլները երևացին, մենք Իլինոյսի ափին, գետի մեծ ոլորանում, լաստը կապեցինք մի ցամաքալեզվից, կացնով կտրեցինք կաղամախու ճյուղերը և դրանցով ծածկեցինք լաստը, որն այնպես էր երևում, կարծես ափին ծածկված խոռոչ լիներ։ Ցամաքալեզուն ավազաթումբ էր, որտեղ աճում էր կաղամախի անտառ՝ խիտ, ինչպես ցաքանի ատամները։

Միսսուրիի ափին բարձրանում էին լեռներ, իսկ Իլինոյսի կողմը ծածկված էր խիտ անտառով, և նեղուցն այստեղ Միսսուրիի ափից ցած էր։ Այնպես որ մենք չէինք վախենում, թե որևէ մեկը մեզ կհանդիպի։ Ամբողջ օրը մնացինք այնտեղ և դիտում էինք լաստեր ու շոգենավեր, որ Միսսուրիի ափերի մոտ իջնում էին ջրի հոսանքն ի վար։ Նայում էինք, թե ինչպես են հոսանքի դեմ պայքարում գետն ի վեր շարժվող այդ մեծ շոգենավերը։ Ես Ջիմին հաղորդեցի այն ամբողջ զրույցը, որ ժամերով ունեցա անծանոթ կնոջ հետ։ Ջիմն ասաց, որ դա պետք է խելքը գլխին կին եղած լինի, և եթե անձամբ հետևեր մեզ, ապա չէր նստի ու նայի ճամբարային խարույկին։ «Ոչ, սըր, շուն կբերի իր հետ»։ ― «Լավ, ― ասացի ես, ― ինչո՞ւ չէր կարող ամուսնուն ասել, որ շուն բերի իր հետ»։

Ջիմն ասաց, թե ինքը գրազ կգա, որ կինն այդ մասին մտածած կլիներ, երբ մարդիկ պատրաստ լինեին ճանապարհ ընկնելու, և իր կարծիքով նրանք քաղաք են գնացել շուն ճարելու, ժամանակ են կորցրել, այլապես մենք չէինք լինի այստեղ, այս ցամաքալեզվի վրա, քաղաքից տասնվեց֊տասնյոթ մղոն ներքև։ Ոչ, անկասկած, նորից կընկնեինք այդ հին քաղաքը։ Իսկ ես ասացի․ «Կարևոր չէ, թե ինչ պատճառներով նրանք չկարողացան մեզ բռնել․ կարևորն այն է, որ չեն բռնել»։

Երբ սկսեց մթնել, գլուխներս դուրս հանեցինք թփուտների տակից ու նայեցինք վեր, վար, մեր առջև և ոչինչ չտեսանք։ Ջիմը լաստի վրայից մի քանի տախտակ վերցրեց, մի փոքրիկ հաճելի հյուղակ պատրաստեց, որպեսզի կիզիչ արևի, ինչպես և անձրևի ժամանակ պատսպարվեինք, մեր իրերն էլ չթրջվեն։ Ջիմը տախտակե հատակ էլ շինեց՝ լաստից մեկ ոտնաչափ բարձր, այնպես որ այժմ մեր վերմակներին և մյուս իրերին այլևս չէին հասնի շոգենավերի առաջացրած ալիքները։ Հյուղակի մեջտեղը հինգ֊վեց ոտնաչափ խորությամբ պատրաստեցինք կավաշերտ, շրջանակի մեջ առանք, որպեսզի նավը իր տեղում մնա։ Դա նրա համար էր, որ վատ և ցուրտ եղանակին կրակ անեինք։ Հյուղակից կրակը չէր երևում։ Մենք պատրաստեցինք նաև ավելորդ թիակ, որովհետև եղածներից մեկնումեկը թիավարելիս կարող էր մի բանի դեմ առնել կամ այլ պատճառով ջարդվել։ Պատրաստեցինք և կեռանման մի ձող, որ դրանից կախեինք հին լապտերը։ Այդպես է կարգը․ պետք է լապտերը վառել, երբ գետի հոսանքն ի վար շոգենավ է անցնում։ Թե չէ տակով կանի։ Բայց գետով բարձրացող նավերի համար լապտեր վառել պետք չէր, բացի այն դեպքերից, երբ նկատեինք, որ դրանք կարող են մեզ դիպչել․ գետի մակարդակը դեռ բավական բարձր էր, ափի շատ ցածրադիր մասերը դեռ ջրի տակ էին, այնպես որ դեպի վեր շարժվող նավերը միշտ չէ, որ նավուղիով էին գնում․ ընտրում էին ավելի խոր տեղեր։

Այս երկրորդ գիշերը մենք նավարկեցինք յոթ֊ութ ժամ, երբ հոսանքի արագությունը ժամում չորս մղոնից ավելի էր։ Մենք ձուկ էինք որսում ու խոսում, երբեմն էլ լողանում էինք՝ մեր քունը փախցնելու համար։ Ի՜նչ փառահեղ բան է նավարկել խաղաղ գետում՝ պառկած մեջքի վրա և հայացքը հառած աստղերին։ Չէինք ուզում նույնիսկ բարձր խոսել, ոչ էլ հաճախ էինք ծիծաղում, միայն երբեմն, այն էլ ցածրաձայն։ Ընդհանրապես եղանակը բավական լավն էր, և մեզ ոչինչ չպատահեց այդ գիշեր, ոչ էլ երկրորդ կամ հաջորդ գիշեր։

Ամեն գիշեր մենք անցնում էինք քաղաքների մոտով, որոնցից մի քանիսը փռված էին հեռվում՝ բլուրների լանջերին։ Ոչինչ չէինք կարող տեսնել, բացի լույսերի շողշողուն ածուներից։ Հինգերորդ գիշերն անցանք Սեն֊Լուիի առջևով։ Դա կարծես մի ամբողջ լուսավորված աշխարհ էր։ Սանկտ֊Պետերբուրգում ասում էին, որ Սեն֊Լուիսում քսան֊երեսուն հազար մարդ է ապրում, բայց ես չէի հավատում, մինչև այդ խաղաղ գիշերը չտեսա լույսերի զարմանալի տարածությունը։ Ոչ մի ձայն չէր լսվում, բոլոր մարդիկ քնած էին։

Այժմ ամեն գիշեր մոտավորապես ժամը տասին ես ափ էի դուրս գալիս, մտնում փոքրիկ մի գյուղ, տասը֊տասնհինգ ցենտով գնում ալյուր, ապուխտ կամ որևէ այլ ուտելիք։ Երբեմն թռցնում էի մի հավ, որը հանգիստ չէր թառում, և տանում էի հետս։ Հայրս միշտ ասում էր․ «Երբ առիթ լինի, վերցրու հավը, որովհետև եթե քեզ պետք չէ այն, հեշտությամբ կարող ես գտնել մեկին, որին պետք կլինի, և բարի գործը երբեք չի մոռացվի»։ Ես երբեք չտեսա, որ հայրս ինքը հավ չուզենար, բայց և այնպես սովորաբար այդպես էր ասում։

Առավոտները, լուսադեմին մտնում էի բանջարանոցները և «փոխարինաբար» վերցնում ձմերուկ, սեխ, դդում, կիսահաս եգիպտացորեն կամ նման մի բան։ Հայրս միշտ ասում էր, թե վատ չէ փոխարինաբար բան վերցնելը, եթե մտադիր ես հետագայում վերադարձնել։ Բայց այրին ասում էր, որ դա ոչ այլ ինչ է, քան գողության մեղմ ձևը և ոչ մի օրինավոր մարդ այդպիսի բան չի անի։ Ըստ Ջիմի, այրին էլ մասամբ իրավացի էր, հայրս էլ։ Ուստի մեզ համար ամենալավն այն կլիներ, որ ցուցակից հանեինք փոխարինաբար վերցվող բաներից երկու֊երեքը և դրանք այլևս չբերեինք, իսկ մյուս բաներ բերելը նրա կարծիքով վնասակար չէր։ Եվ մենք մի ամբողջ գիշեր, գետն ի վար նավարկելով, խոսեցինք այդ մասին, աշխատելով որոշել, թե ինչը դուրս թողնեինք՝ ձմերո՞ւկը, սե՞խը, կանտալո՞ւպը,<rer>Սեխի մի տեսակ։</ref> թե որևէ այլ բան։ Բայց արշալույսին հարցը լրիվ լուծեցինք և որոշեցինք դուրս թողնել վայրի խնձորն ու փյունիկյան սալորը։ Մինչև այս եզրակացության գալը այնքան լավ չէինք զգում մեզ, բայց այժմ շատ ավելի թեթևացած էինք։ Ես էլ ուրախ էի խնդրի այդպես լուծման համար, որովհետև վայրի խնձորներն այնքան էլ լավ չեն, իսկ փյունիկյան սալորը հազիվ երկու֊երեք ամսում հասներ։

Երբեմն սպանում էինք ծովային որևէ թռչուն, որն առավոտյան շատ կանուխ էր արթնանում կամ երեկոյան շուտ էր թառում։ Ընդհանրապես մենք բավական լավ էինք ապրում։

Սեն֊Լուիից ներքև հինգերորդ գիշերը ուժեղ փոթորիկ բարձրացավ։ Որոտ էր, կայծակ։ Անձրևը թափվում էր հեղեղի պես։ Մենք մտանք լաստի վրա սարքված հյուղակը, թողնելով, որ լաստն ինքը տնօրինի իր ընթացքը։ Երբ կայծակը փայլատակեց, մեր առջև բացվեց լայնահուն, ուղիղ գետը, որի երկու կողմերից բարձրանում էին գահավեժ ժայռեր։ Հանկարծ ես բացականչեցի․

― Հե՜յ, Ջի՛մ, այն կո՛ղմը նայիր։

Երևաց մի շոգենավ, որ զարնվել էր ժայռերին։ Հոսանքը մեզ տանում էր այն կողմը։ Կայծակի փայլատակումից ավելի պարզ էր երևում։ Նավը կողքի էր թեքվել, և վերին տախտակամածի մի մասը ջրից բարձր էր։ Երբ կայծակը կրկնվում էր, պարզ տեսնում էինք ծխնելույզների ամեն մի փոքրիկ ուղղալար, ինչպես և մեծ զանգի կողքին դրված մի աթոռ և այս աթոռի թիկունքից կախած մի հին, անճոռնի գլխարկ։

Գիշերը փոթորկալից էր, ամեն ինչ՝ այնքան խորհրդավոր, և ես զգում էի այն, ինչ կզգար որևէ այլ տղա, տեսնելով խորտակված, գետի մեջտեղում այդպես ողբալի տեսքով ընկած ու լքված մի նավ։ Ուզում էի բարձրանալ և մի փոքր հետախուզել, տեսնել, թե ինչ կա այնտեղ։

― Բարձրանանք նավը, Ջիմ, ― ասացի ես։

Ջիմն սկզբում դեմ էր։ Նա առարկեց․

― Ես չեմ ուզում խորտակված նավի վրա հիմարություններ անել․ այստեղ էլ մեզ համար վատ չէ։ Ավելի լավ է հեռու մնանք, ինչպես ասում է լավ գիրքը․ թող դա իր տեղը մնա։ Գուցեև վրան պահակ կա։

― Տատիդ է պահակը, ― ասացի ես։ ― Այնտեղ պահպանելու բան չկա, բացի նավաստիների սենյակից ու լոցմանի խցիկից։ Կարծում ես, որևէ մեկը վտանգի կենթարկի իր կյանքը այդ սենյակի ու խցիկի համար, երբ ամեն րոպե դրանք կարող են ջարդվել ու ջրի հետ գնալ։

Ջիմը դրան ոչինչ չէր կարող ասել, նույնիսկ չփորձեց։

― Բացի այդ, ― ասացի ես, ― մենք կարող ենք նավապետի սենյակից փոխարինաբար վերցնել որոշ բան, որ արժե ունենալ։ Սիգար անպայման կլինի՝ հատը հինգ ցենտ արժե, կանխիկ։ Նավապետները միշտ հարուստ են լինում, ամիսը վաթսուն դոլար են ստանում, և իմացիր, որ նրանք բոլորովին կանգ չեն առնում գնի առջև, բավական է որ մի բան նրանց դուր գա։ Գրպանդ մոմ դիր, Ջիմ, մինչև նավը չխուզարկեմ, չեմ հանգստանա։ Ի՞նչ ես կարծում, Թոմ Սոյերը երբևիցե ձեռքից բաց կթողնե՞ր այսպիսի մի առիթ։ Երբեք բաց չէր թողնի։ Նա այդ կանվաներ արկած, ահա թե ինչ, և կբարձրանար խորտակված նավը, թեկուզ դա նրա վերջին գործունեությունը լիներ։ Եվ մի՞թե նա դրա մեջ չէր մտցնի իր նորաձևությունները, ինչպե՜ս նա կզարգացներ այդ արշավանքը։ Ոչ ավել, ոչ պակաս, Քրիստոփոր Կոլումբոսը հայտնաբերում է երկնային թագավորությունը։ Ի՜նչ լավ կլիներ, եթե Թոմ Սոյերն այստեղ լիներ։

Ջիմը մի քիչ քրթմնջաց, բայց վերջիվերջո տեղի տվեց։ Նա ասաց, որ մենք պետք է հնարավորության չափ չխոսենք, խոսելիս էլ՝ շատ ցածր։ Կայծակը ճիշտ ժամանակին նորից ցույց տվեց մեզ խորտակված նավը, մենք մոտեցանք տախտակամածի աջակողմյան բեռնաբարձին ու լաստը կապեցինք դրանից։

Այստեղ նավի տախտակամածը բարձր էր։ Մենք մթության մեջ դրա կողքով մի կերպ սողալով անցանք դեպի ձախ եզրը, նավաստիների սենյակը։ Մեր ճանապարհը զգուշորեն շոշափում էինք ոտքերով և ձեռքներս տարածում դուրս, պաշտպանվելով ճախարակներից, որովհետև այնքան մութ էր, որ ոչինչ չէր երևում։ Շուտով գտանք լուսամուտը և բարձրացանք։ Հաջորդ քայլը մեզ հասցրեց նավապետի դռանը, որը բաց էր և ահա նավաստիների սրահի միջով հեռվում նկատեցինք լույս և միևնույն վայրկյանին թվաց, թե լսում ենք խուլ ձայներ։

Ջիմը շշուկով ասաց, թե իրեն շատ վատ է զգում, և ավելի լավ է հեռանանք այստեղից։ Ես ասացի․ «լավ», և պատրաստվում էինք վերադառնալ լաստը, բայց հենց այդ պահին լսեցի ինչ֊որ ձայն․ մեկը ողբաձայն աղերսում էր․

― Ա՜խ, տղե՜րք, մի՛ արեք այդ բանը, երդվում եմ, ոչ ոքի չեմ ասի։

Մի այլ ձայն բավական բարձրաձայն պատասխանեց․

― Ստում ես, Ջիմ Թըրներ։ Դու շատ անգամ ես այդպես վարվել։ Միշտ ուզում ես, որ քո բաժինն ավելի լինի, և միշտ ստացել ես, որովհետև երդվել ես, որ եթե չստանաս, կհայտնես։ Այլևս բավական է։ Դու ամենաստոր, ամենադավաճան շունն ես այս երկրում։

Այդ ժամանակ Ջիմն արդեն վերադարձել էր լաստ։ Ես հետաքրքրությունից ճաքում էի և ինքս ինձ ասացի, որ եթե այժմ իմ տեղը Թոմ Սոյերը լիներ, չէր նահանջի։ Ես էլ չպիտի նահանջեմ, պետք է տեսնեմ, թե ինչ է կատարվելու այստեղ։ Փոքրիկ, մութ միջանցքով չորեքթաթ սողացի առաջ։ Իմ և նավաստիների սրահի միջև մնաց միայն մի նավասենյակ։ Ես տեսա մի մարդ հատակին փռված, ձեռքերն ու ոտքերը կապած։ Նրա մոտ կանգնած էին երկու մարդ, որոնցից մեկի ձեռքին կար լապտեր, իսկ մյուսի ձեռքին՝ ատրճանակ։ Վերջինս ատրճանակն ուղղել էր հատակին ընկած մարդու ճակատին և ասում էր․

― Ուզում եմ և պետք է վերջացնեմ քո հաշիվը, ստո՛ր արարած։

Հատակին ընկած մարդը կուչ եկած խնդրում էր․

― Ա՜խ, Բիլ, այդպիսի բան մի՛ արա։ Ես երբեք ոչ ոքչ չեմ հայտնի․․․

Ամեն անգամ, երբ նա արտասանում էր այդ բառերը, լապտերը բռնած մարդը ծիծաղում էր ու պատասխանում․

― Ճիշտ է, չես հայտնի․ կյանքումդ ավելի ճիշտ բան երբեք չես արել, կարելի է երաշխավորել, ― և ապա ասաց, ― լսո՞ւմ ես, թե ինչպես է աղերսում, իսկ եթե մենք սրան այս օրը չգցեինք, չկապոտեինք, սա երկուսիս էլ կսպաներ։ Եվ հանուն ինչի՞։ Ոչ մի բանի։ Միայն նրա համար, որ մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում։ Բայց հիմա արդեն ենթադրում եմ, որ դու այլևս ոչ ոքի չես սպառնա, Ջիմ Թըրներ։ Մի կողմ դիր ատրճանակդ, Բիլ։

Բիլն ասաց․

― Ոչ, Ջեյք Փաքարդ, ես կողմնակից եմ սրան սպանելուն․ մի՞թե դրան արժանի չէ, մի՞թե սա նույն ձևով չսպանեց ծերուկ Հեթֆիլդին։

― Բայց չեմ ուզում, որ սպանված լինի, դրա համար ես պատճառներ ունեմ։

― Օրհնյա՜լ լինի քո սիրտը այդ բարի բառերի համար, Ջե՛յք Փաքարդ։ Երբեք չեմ մոռանա քեզ, քանի դեռ կենդանի եմ, ― ասաց հատակին ընկած մարդը մի տեսակ լացակումած։

Փաքարդն ուշադրություն չդարձրեց նրա ասածին․ լապտերը կախեց մեխից, մթության մեջ շարժվեց այն կողմը, ուր ես էի գտնվում, և նշան արեց Բիլին, որ գա իր մոտ։ Ես խեցգետնի նման կարողացածիս չափ արագ, կողքանց շարժվեցի մոտ երկու յարդ, բայց նավն այնպես էր թեքվել, որ չկարողացա ժամանակին մի կողմ քաշվել։ Որպեսզի նրանք ինձ չդիպչեն, և ես չբռնվեի, սողոսկեցի վերին նավախուցը։ Մարդը մթության մեջ խարխափելով շարժվեց առաջ, և երբ Փաքարդը հասավ այդ նավախուցը, ասաց․

― Այստե՛ղ, այստե՛ղ արի։

Եվ նա մտավ ներս։ Նրա հետևից եկավ և Բիլը։ Բայց մինչև նրանց գալը ես վերին մահճակալի վրա էի, սեղմված անկյունում, և շատ էի զղջում գալուս համար։ Նրանք կանգնեցին այնտեղ, ձեռքերը մահճակալի եզրին դրած, և սկսեցին խոսել։ Ես նրանց չէի կարողանում տեսնել, բայց կարող էի ասել, թե որտեղ են կանգնած, որովհետև վիսկի էին խմում, և նրանցից սպիրտի հոտ էր փչում։ Ուրախ էի, որ վիսկի չէի խմել, բայց դա շատ նշանակություն չուներ․ այդ պահին ես գրեթե չէի շնչում, և նրանք հոտ չէին առնի։ Ես անչափ վախեցած էի։ Բացի այդ, ոչ ոք չի կարող այդպիսի մի խոսակցություն լսելուց հետո շնչել։ Նրանք խոսում էին ցածրաձայն ու լուրջ։ Բիլն ուզում էր սպանել Թըրներին․

― Սա ասում էր, թե կհայտնի, և կհայտնի։ Եթե այժմ մենք երկուսս էլ մեր բաժինները տանք, նշանակություն չունի աղմուկից ու այն վերաբերմունքից հետո, որ մենք ցույց տվեցինք։ Սա կդառնա պետության գործակալը։ Դու ինձ լսիր։ Ես գտնում եմ, որ մենք պետք է վերջ տանք նրա տանջանքներին։

― Ես էլ, ― ասաց Փաքարդը շատ հանգիստ եղանակով։

― Չգիտեմ ինձ կմեղադրես թե չէ, բայց ես կարծում էի, որ չես ուզում։ Լավ, ուրեմն, շատ լավ։ Գնանք վերջացնենք դրա հաշիվը։

― Սպասիր մի րոպե, ես իմ խոսքը դեռ չեմ ասել։ Ինձ լսիր։ Գնդակահարելը լավ է, բայց ավելի հանգիստ միջոցներ կան, եթե այդ պետք է անել։ Ասածս այն է, որ իմաստ չունի վազել կախաղանի օղակի ետևից, երբ կարելի է որոշումդ ի կատար ածել այլ ձևով, որը նույնքան լավ է և միաժամանակ քեզ վտանգի չի ենթարկի։ Ճիշտ չէ՞։

― Անպայման։ Բայց ինչպե՞ս։

― Դե, իմ մտածածն այս է։ Կխուզարկենք մեր շուրջը, կհավաքենք խցիկներում մնացած իրերը, կգնանք ափ և կթաքցնենք այդ ապրանքը։ Ապա կսպասենք։ Կարծում եմ, որ երկու ժամից ավելի չի անցնի, երբ այս խորտակվող նավը մասերի կբաժանվի և կտորները ջրի ընթացքով կգնան ներքև։ Հասկանո՞ւմ ես։ Ջիմն էլ կխեղդվի․ ոչ ոքի չեն մեղադրի դրա համար, բացի իրենից։ Իմ կարծիքով դա շատ ավելի լավ է, քան սպանելը։ Ես կողմնակից չեմ մարդ սպանելուն, երբ կարելի է գործը այլ ձևով կատարել։ Սպանելը լավ բան չէ, ոչ էլ բարոյական տեսակետից է ճիշտ։ Իրավացի չե՞մ։

― Այո, ընդունում եմ, որ իրավացի ես։ Բայց ենթադրենք, թե նավը մասերի չբաժանվեց, ու ջուրը այն չտարավ։ Այդ դեպքում ի՞նչ ենք անելու։

― Լավ, կարող ենք երկու ժամ սպասել ու տեսնել, չե՞նք կարող։

― Շատ լավ, ուրեմն գնանք։

Նրանք գնացին, ես էլ սառը քրտնքի մեջ կորած դուրս թռա և խարխափելով շարժվեցի առաջ։ Ամենուրեք խավար էր, խավար, ինչպես սև ձյութը։ Ես մի տեսակ խռպոտ շշուկով կանչեցի՝ «Ջի՛մ», և նա, անմիջապես կանգնելով կողքիս, արձագանքեց մի տեսակ հեծեծանքով։ Ես ասացի նրան․

― Շո՛ւտ, Ջի՛մ, հիմարության կամ ախուվախի ժամանակ չէ․ մարդասպանների խումբ կա նավակում։ Եթե մենք չգտնենք նրանց մակույկը և բաց չթողնենք, որ գետը տանի, այնպես, որ այս մարդիկ չկարողանան նավից դուրս գալ, նրանցից մեկը կորած է։ Իսկ եթե գտնենք նավակը, բոլորի բանն էլ բուրդ կլինի, որովհետև շերիֆը նրանց կբռնի։ Շո՛ւտ, շտապի՛ր։ Ես նավակը կորոնեմ ձախ կողմում, իսկ դու՝ աջ։ Սկսիր լաստի կողքից և․․․

― Ա՛խ, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ։ Լա՞ստը։ Այլևս լաստ չկա։ Կապը կտրվել է, և գնացել է։ Իսկ մենք մնացինք այստեղ։


Գլուխ տասներեքերորդ

Այդ որ լսեցի, շունչս կտրվեց։ Քիչ մնաց ուշաթափ լինեի։ Փակվել խորտակվող նավում, այդ մարդասպան խմբի կողքին։ Հուզվելու ժամանակ չկար։ Պետք է գտնեինք նրանց մակույկը, ձեռք բերեինք հենց մեզ համար։ Լողալով ու դողդողալով գաղտագողի անցանք նավի աջ կողմը։ Շատ դանդաղ էինք շարժվում։ Մինչև հասանք նավի հետնամասը, մեզ թվաց, թե մի շաբաթ է անցել։ Մակույկի ոչ մի հետք։ Ջիմն ասաց, թե այլևս չի կարող առաջ շարժվել․ այնքան է վախեցել, որ հազիվ թե ուժ մնացած լինի։ Բայց ես ասացի․ «Արի, եթե մնանք այստեղ, մեր վիճակը վատ կլինի»։ Շարունակեցինք թաքուն շարժվել առաջ։ Սկսեցինք որոնել նավաստիների սենյակի հետնամասը և գտանք, ապա պատից կառչելով, կախված շարժվելով փեղկից փեղկ, գնացինք դեպի լուսամուտը։ Ուրիշ ելք չկար․ լուսամուտի ներքին եզրը ջրի տակ էր։ Երբ բավական մոտեցանք դռանը, երևաց մակույկը։ Մթության մեջ հազիվ նկատեցի։ Ինչքա՜ն ուրախացա։ Եվս մի վայրկյան, և ես կլինեի այնտեղ, բայց հենց այդ պահին դուռը բացվեց։ Մարդկանցից մեկը դուրս ցցեց գլուխը, ինձնից ընդամենը երկու ոտնաչափ հեռու։ Թվաց, թե հաշիվս վերջացել է, բայց նորից ներս քաշվեց ու ասաց․

― Այդ անիծված լապտերը հեռու տար, Բիլ, այնպես, որ չերևա։

Սա ինչ֊որ բաներով լցված մի պարկ գցեց մակույկի մեջ և ապա ինքն էլ իջավ ու նստեց։ Դա Փաքարդն էր։ Ապա դուրս եկավ Բիլն ու նույնպես նստեց նավակի մեջ։ Փակարդը ցածրաձայն ասաց․

― Ամեն ինչ պատրաստ է, շարժվենք։

Ես այնքան էի թուլացել, որ հազիվ էի ինձ պահում՝ փեղկից կախված։ Բայց այդ պահին Բիլն ասաց․

― Սպասիր, խուզարկեցի՞ր նրան։

― Ոչ, իսկ դո՞ւ։

― Ոչ։ Ուրեմն՝ նրա բաժինը դեռ իր մոտ է։

― Լավ, գնանք ներս․ ի՞նչ միտք ունի այս հին շորերը վերցնել, իսկ փողը նրա մոտ թողնել։

― Ասա, նա չի՞ կասկածի, թե ինչ մտադրություն ունենք։

― Գուցեև կասկածի։ Բայց ինչ էլ լինի, պետք է վերցնենք փողը։ Արի։

Նրանք դուրս եկան մակույկից ու մտան ներս։

Դուռը ուժգին փակվեց, քանի որ նավը թեքված էր մի կողքի, և կես վայրկյան չանցած արդեն մակույկում էի։ Իմ ետևից նավակի մեջ ընկավ և Ջիմը։ Ես հանեցի դանակս, կտրեցի պարանը, և մենք շարժվեցինք։

Մենք ոչ մի թիակի ձեռք չտվեցինք, ոչ էլ խոսում կամ շշնջում էինք իրար հետ։ Վախենում էինք նույնիսկ ազատ շնչել։ Մեռելային լռության մեջ արագ սահելով ջրի երեսին, հեռանում էինք։ Անցանք նավի քթամասից ու հետնամասից։ Քիչ հետո արդեն հարյուր յարդ իջել էինք խորտալկված նավից ներքև։ Այն ամբողջովին թաղվեց մթության մեջ։ Ոչ մի բան այլևս չէր երևում։ Մենք փրկված էինք, ես գիտեի։

Երբ երեք֊չորս հարյուր յարդ իջել էինք, մի վայրկյան նավաստիների սենյակի դռան առջև նկատեցինք լապտերը, ինչպես փոքրիկ մի կայծ։ Դրանից հասկացանք, որ այդ սրիկաները, կորցրած լինելով իրենց մակույկը, սկսում էին հասկանալ, որ այժմ իրենց տագնապը Ջիմ Թըրների տագնապից պակաս չէ։

Այնուհետև Ջիմը գործի դրեց թիերը, և շտապեցինք հասնել մեր լաստին։ Այժմ առաջին անգամ ինձ սկսեց անհանգստացնել այդ մարդկանց վիճակը։ Մինչև այդ, երևի ժամանակ չկար դրա համար։ Մտածեցի, թե որքան սարսափելի է, նույնիսկ մարդասպանների համար, ընկնել այդ վիճակի մեջ։ Ինքս ինձ ասացի, իսկ եթե մի օր ինքս մարդասպան դառնամ, այդ դեպքում նման վիճակը որքա՞ն դուր կգա ինձ։ Ջիմին ասացի․

Հենց որ առաջին լույսը տեսնենք, ափ դուրս կգանք դրանից հարյուր յարդ վեր կամ վար, այնպիսի տեղում, որ հարմար լինի քեզ և մակույկը թաքցնելու համար։ Իսկ ես կգնամ, մի միջոց կգտնեմ, մի մարդ կճարեմ, որ գնա և ազատի նրանց իրենց անտանելի վիճակից, այնպես որ հետո հարկ եղած դեպքում հնարավոր լինի կախել։

Բայց մտադրությունս անհաջողության մատնվեց․ շուտով փոթորիկը վերսկսվեց և այս անգամ ավելի ուժգին, քան առաջ։ Անձրևը թափվում էր, ոչ մի լույս չէր երևում․ ըստ երևույթին, բոլորը քնած էին։ Մենք լրիվ արագությամբ սլանում էինք գետն ի վար, միշտ հետևելով, թե լույս չի՞ երևում, ինչպես և որոնում էինք մեր լաստը։ Անձրևը երկար ժամանակ տեղալուց հետո դադարեց, բայց ամպերը չէին ցրվում։ Իսկ կայծակը դեռևս փայլատակում էր, ճայթում էր որոտը։ Շուտով, երբ փայլակը նորից շողաց, մեր առջևում երևաց ծփացող սև մի բան։ Շտապեցինք հասնել։

Դա մեր լաստն էր։ Որքա՜ն ուրախացանք, երբ նորից բարձրացանք այնտեղ։ Այժմ մենք հեռվում, ներքևում, ափի աջ կողմի վրա նկատեցինք մի լույս։ Ես ասացի, որ անմիջապես գնալու եմ այնտեղ։ Մակույկը կիսով չափ լցված էր ավարով, որ գողերի այդ խումբը հավաքել էր խորտակված նավից։ Մենք այդ իրերը տեղափոխեցինք լաստի վրա, կիտեցինք, և ես Ջիմին ասացի, որ մի քիչ էլ իջնենք և երբ իր հաշվով արդեն երկու մղոն անցնենք, վառի լապտերը և վառած պահի մինչև իմ գալը։ Ես թիավարելով լողացի լույսի կողմը։ Մինչ թիավարում էի ներքև, դեպի լույսը, բլրի վրա երևացին ևս երեք կամ չորս լույս։ Դա գյուղ էր։ Դադարեցի թիավարելը իմ նշանակետից քիչ վերև։ Ինձ առաջ էր տանում հոսանքը։ Անցնելով լույսի մոտով, նկատեցի, որ դա մի լապտեր է գետանավի վրա։ Արագ թիավարելով պտտվեցի նավի շուրջը, որոնելով պահակին, մտածելով, թե որտեղ քնած կլինի։ Շուտով նրան գտա խարսխագերանին թառած, գլուխը ծնկներին կախած։ Ձեռքս երկու֊երեք անգամ թեթևակի հպեցի նրա ուսին ու սկսեցի լաց լինել։

Նա մի տեսակ ցնցվելով շարժվեց տեղից, բայց երբ տեսավ, որ այնտեղ միայն ես եմ, լավ հորանջեց ու ձգվեց․

― Հը, ի՞նչ կա։ Լաց մի՛ լինիր, տղա։ Ի՞նչ է պատահել։

Ես ասացի․

― Հայրս, մայրս, քույրս և․․․

Նորից սկսեցի հեկեկալ։ Նա թե․

― Է՛հ, հանգստացիր, այդպես ողբալու կարիք չկա․ ո՞ւմ գլխին փորձանք չի գալիս։ Ամեն ինչ լավ կվերջանա։ Ի՞նչ է պատահել։

― Նրանք․․․ նրանք․․․ դուք այս նավի պահա՞կն եք։

― Այո, ― ասաց նա բավական ինքնագոհ եղանակով, ― ես նավապետն եմ, ինչպես և տերը, նավապետի օգնականը, ուղեցույց նավատարը, պահակը, ավագ նավաստին և երբեմն էլ ուղևորն ու նավաբեռը։ Ես այնպես հարուստ չեմ, ինչպես Ջիմ Հորնբեքը, և չեմ կարող սրա֊նրա համար այնպես առատաձեռն լինել, ինչպես նա, և աջ ու ձախ շաղ տալ դրամը, ինչպես նա։ Բայց ես շատ անգամ եմ ասել, որ իմ տեղը չէի փոխի նրա հետ, որովհետև ասում եմ՝ նավաստու կյանքը ինձ համար է ստեղծված, իսկ ապրել քաղաքից երկու մղոն հեռու, որտեղ ոչ մի հետաքրքրություն չկա, և ոչ ոքի հետ չես կարող խոսել, բոլորովին իմաստ չունի նույնիսկ ի սեր նրա ամբողջ ունեցվածքի։ Ասում եմ․․․

Ես ընդհատեցի նրան․

― Նրանք ահավոր վիճակում են և․․․

― Ովքե՞ր։

― Հայրս, մայրս, քույրս, միսս Հուքերը, և եթե դուք վերցնեք ձեր գետանավն ու բարձրանաք այնտեղ․․․

― Բարձրանամ ո՞ւր։ Որտե՞ղ են նրանք։

― Խորտակված նավի վրա։

― Ի՞նչ խորտակված նավ։

― Մի խորտակված նավ կա։

― Ի՞նչ, խոսքը «Վալթեր Սքոթի» մասի՞ն է։

― Այո։

― Աստվա՜ծ իմ, ի՞նչ են անում այնտեղ։

― Նրանք դիտմամբ չեն գնացել այնտեղ։

― Իհարկե, դիտմամբ գնացած չէին լինի։ Աստվա՜ծ իմ, նրանց փրկություն չկա, եթե հնարավորին չափ շուտ այնտեղից դուրս չբերվեն։ Բայց նրանք ինչպե՞ս ընկան այդ կացության մեջ։

― Շատ հասարակ։ Միսս Հուքերը գալիս էր քաղաք այցելության․․․

― Այո, Բութս֊Լենդինգ, շարունակիր։

― Նա այցելության է գալիս Բութս֊Լենդինգ և իրիկնադեմին ձիաքարշ լաստանավով ճանապարհ ընկնում նեգր սպասուհու հետ, նպատակ ունենալով ամբողջ գիշերն անցկացնել միսս․․․ (ինչ էր անունը, չեմ կարողանում հիշել) իր բարեկամուհու տանը։ Նրանք կորցնում են ղեկի թիակը և օրորվելով ու պտտվելով, գետի հոսանքով մոտ երկու մղոն իջնում են դեպի խորտակված նավը։ Լաստանավը, նեգրուհին և ձիերը բոլորը կորչում են, բայց միսս Հուքերը կառչում է մի բանի ու բարձրանում խորտակված նավը։

Մայրամուտից մեկ ժամ հետո մենք մեր լաստանավով իջնում էինք գետով։ Այնպես մութն էր, որ խորտակված նավը չնկատեցինք մինչև դեմ չառանք։ Բոլորս ազատվեցինք բացի Բիլ Վիփլից։ Ի՞նչ սքանչելի տղա էր Բիլ Վիփլը։ Երանի նրա փոխարեն ես խեղդվեի ազնիվ խոսք։

― Աստված իմ, կյանքումս ավելի վատ բան չէի լսել։

― Հետո ի՞նչ արեցիք։

― Դե, գոռացինք, գոռացինք, բայց գետն այնտեղ այնքան լայն է, որ ոչ ոք չլսեց մեր ձայնը։ Հայրս ասաց, որ մեզնից մեկը մի կերպ ափ պետք է դուրս գա և օգնություն խնդրի։ Ես միակն էի, որ կարող էր լողալ։ Նետվեցի ջուրը և լողացի դեպի ափ։ Միսս Հուքերն ասաց, որ եթե չկարողանամ շուտ օգնություն հասցնել, գամ այստեղ և որոնեմ իմ հորեղբորը․ նա ամեն ինչ կանի։ Ես ցամաք դուրս եկա մոտ մեկ մղոն ներքև և մինչև հիմա թափառում եմ, փորձում գտնել մեկին, որ մի բան անի, բայց բոլորն ասում են․ «Ինչպե՞ս գիշերով և այսքան ուժեղ հոսանքի ժամանա՞կ։ Իմաստ չունի, գնա մի շոգենավ գտիր։ Այժմ եթե գնաս և․․․»

― Աստված վկա, ես կգնայի, և, իհարկե, պետք է գնալ, բայց, չմեղադրեք․ չգիտեմ, թե ով կվճարի դրա համար։ Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է հայրդ․․․

― Դրա համար մի՛ անհանգստացեք։ Միսս Հուքերը հատկապես ասաց, որ իր հորեղբայր Հորնբեքը․․․

― Ա՜յ քեզ բան, մի՞թե դա նրա հորեղբայրն է։ Այժմ լսիր, վազիր դեպի այն լույսը, ապա դարձիր դեպի արևմուտք և մեկ քառորդ մղոն չանցած՝ կհասնես մի գինետուն։ Այնտեղ կասես, որ քեզ շտապ հասցնեն Ջիմ Հորնբեքի մոտ, ինչքան որ պետք է, նա կվճարի։ Դե, դես֊դեն չթափառես․ նա կուզենա այդ լուրը մանրամասնորեն իմանալ։ Ասա, որ ինքը դեռ քաղաք չհասած՝ ես նրա եղբոր աղջկան կազատեմ։ Դե, հավաքիր ուժերդ, իսկ ես գնամ այս անկյունը, արթնացնեմ իմ մեխանիկին։

Ես վազեցի դեպի լույսը, բայց հենց որ նա շուռ եկավ անկյունը, վերադարձա ու նստեցի իմ մակույկը, խաղաղ ջրերով մոտ վեց հարյուր յարդ թիավարեցի գետն ի վեր և թաքնվեցի լաստանավերի միջև, որովհետև չէի կարող ինձ հանգիստ զգալ, մինչև չտեսնեի գետանավի ճանապարհվելը։ Բայց թե ինձ սփոփված էի զգում այդ ավազակների փրկության, իմ կրած նեղությունների համար․ չէ՞ որ քիչ մարդիկ այդպես կվարվեին։ Ուզում էի, որ այրին իմանար այդ մասին։ Կարծում էի, թե նա կհպարտանար ինձանով, որ օգնել եմ այս սրիկաներին։ Դե, այրին և բարի մարդիկ ամենից շատ հետաքրքրվում են այդպիսի սրիկա ու խարդախ անձնավորությունների օգնելով։

Ինչ որ է, շուտով նկատեցի խորտակվող նավը, որը մթամած ու թախծոտ գետի հոսանքով ցած էր իջնում։ Մի տեսակ սառը դող անցավ մարմնովս, և ես սկսեցի թիավարել դեպի շոգենավը։ Նավը շատ խոր էր իջել ջրի մեջ, և ես իսկույն հասկացա, որ հազիվ թե այնտեղ կենդանի մարդ լինի։ Պտտվեցի շոգենավի շուրջը, մի քանի անգամ բղավեցի, բայց ոչ մի պատասխան։ Ամենուրեք տիրում էր մեռելային լռություն։ Ինձ տխրեցրեց մարդասպանների նման վախճանը, բայց ոչ շատ, որովհետև նրանք ոչ ոքի չէին կարեկցում, ես էլ կարող էի այդ մարդկանց չկարեկցել։

Ահա և գետանավը։ Ես շեղակի շարժվեցի դեպի վար, գետի մեջտեղը, և երբ, իմ կարծիքով, հեռու էի շոգենավի տեսադաշտից, դադարեցի թիավարելուց և նայեցի ետ։ Տեսա, թե ինչպես գետանավը պտտվում է խորտակված նավի շուրջը, որոնելով միսս Հուքերի մարմինը․ չէ՞ որ նավապետը գիտեր, որ նրա հորեղբայր Հորնբեքը կպահանջեր այն։ Շուտով գետանավը դադարեց որոնելուց ու շարժվեց գետափ, և ես էլ անցա իմ գործին․ գետի ընթացքով արագ ցած սուրացի։

Կարծում եմ, որ երկար ժամանակ անցավ, մինչև երևաց Ջիմի լույսը, իսկ երևալիս էլ թվաց, թե հազարավոր մղոններով հեռու է։ Երբ տեղ հասա, արևելքում երկինքն սկսեց մի փոքր շառագունել։ Շարժվեցինք դեպի մի կղզի, թաքցրինք լաստը, ջրասույզ արինք մակույկը, ապա շուռ եկանք ու մեռելային քուն մտանք։


Գլուխ տասնչորսերորդ

Շուտով, երբ արթնացանք, աչքի անցկացրինք այն իրերը, որ նավից կողոպտել էին ավազակները։ Այնտեղ գտանք կոշիկներ, վերմակներ, հագուստեղեն, զանազան այլ բաներ, շատ գրքեր, մի հեռադիտակ, երեք արկղիկ սիգար։ Մենք մեր կյանքում երբեք այսքան հարուստ չէինք եղել։ Սիգարները բարձրորակ էին։ Կեսօրից հետո ամբողջ ժամանակ անտառում պառկած՝ խոսում էինք։ Ես գրքեր էի կարդում։ Մի խոսքով, լավ ժամանակ անցկացրինք։ Ջիմին պատմեցի այն ամենը, ինչ տեղի էր ունեցել խորտակված նավի ներսում, գետանավի վրա և ասացի, թե հենց դրանք էլ կոչվում են արկածներ։ Բայց նա ասաց, որ այլևս արկածներ չի ուզում։ Ասաց, որ երբ ես բարձրացել եմ նավաստիների հարկաբաժինը, իսկ ինքը սողալով ետ է գնացել, տեսել է, որ լաստն այլևս չկա։ Քիչ է մնացել՝ վախից մեռնի։ Այդ պահին մտածել է, որ իր հաշիվը փակված է, քանի որ ամեն դեպքում էլ կորած է։ Մտածել է այսպես․ եթե իրեն չփրկեն, կխեղդվի, իսկ եթե որևէ մեկը փրկի, կուղարկի տուն, որպեսզի ստանա իր վարձատրությունը։ Այնուհետև միսս Ուոտթսոնը, անկասկած, նրան կվաճառեր հարավում։ Եվ Ջիմն իրավացի էր։ Նա գրեթե միշտ էլ իրավացի էր։ Նրա նեգրական գլուխը շատ լավ էր գործում։

Ջիմի համար երկար֊երկար կարդում էի թագավորների, դուքսերի, կոմսերի մասին, թե որքան շքեղ են հագնված նրանք, ինչպիսի նորաձև ու գեղեցիկ զգեստներ ունեն և մեկը մյուսին կոչում են «ձերդ գերազանցություն», «ձերդ ողորմություն» և այլն, փոխանակ ասելու «միստր»։ Ջիմն աչքերը չռած լսում էր․ նրան հետաքրքրում էր այդ բոլորը։ Ի վերջո ասաց․

― Ես չգիտեի, որ դրանք այնքան շատ են, հազիվ թե ես դրանցից որևէ մեկի մասին լսած լինեմ, բացի Սողոմոն թագավորից։[6] Այո, թագավորներ տեսել եմ նաև խաղաթղթերի վրա։ Որքա՞ն է ստանում թագավորը։

― Ստանո՞ւմ, ― ասացի ես, ― եթե ուզենա, ամիսը հազար դոլար կստանա։ Թագավորները կարող են իրենց ուզածի չափ վերցնել։ Ամեն ինչի տերն ու տնօրերնը նրանք են։

― Լավ է, չէ՞, իսկ ի՞նչ են անում դրանք, Հեք։

― Ի՜նչ տարօրինակ բան ես հարցնում։ Ոչինչ չեն անում։ Նստում են գահին և ուրիշ ոչինչ։

― Չէ հա, իսկապե՞ս այդպես է։

― Այո, իհարկե։ Նրանք միայն նստում են գահին, բացի այն դեպքերից, երբ պատերազմ է ծագում։ Նման դեպքերում գնում են կռվելու։ Մնացած ժամանակը ծուլորեն բազմում են գահին կամ որսի գնում, կամ․․․ սը՜ս, լսո՞ւմ ես աղմուկը։

Մենք դուրս թռանք և նայեցինք մեր շուրջը, բայց ոչինչ չկար, բացի շոգենավի անվի ձայնից, որ գալիս էր հեռվից, հրվանդանի կողմից։ Վերադարձանք մեր տեղը։

― Այո, ― ասացի ես, ― իսկ այլ դեպքերում, երբ ձանձրանում են, սկսում են պառլամենտում աղմկել, իսկ եթե անդամներն այնպես չեն գործում, ինչպես թագավորներն են ցանկանում, բոլորի վիզը թռցնում են։ Բայց մեծ մասամբ ժամանակն անցկացնում են հարեմում։

― Որտեղ են անցկացնո՞ւմ։

― Հարեմում։

― Ի՞նչ բան է հարեմը։

― Այն տունը, որտեղ թագավորը պահում է իր կանանց։ Չգիտե՞ս հարեմների մասին։ Սողոմոնն էլ հարեմ է ունեցել, մոտ մեկ միլիոն կին։

― Այո, գիտեմ։ Մոռացել էի։ Հարեմը, կարծում եմ, գիշերօթիկի նման մի բան է։ Այնտեղ երևի միշտ աղմուկ աղաղակ կլսես, ինչպես մանկական սենյակներում։ Պետք է ենթադրել, որ այդ կանայք շատ էլ կռվում են, և դա մեծացնում է աղմուկը։ Եվ դեռ ասում են, թե Սողոմոնը երբևէ ապրած ամենաիմաստուն մարդն է եղել։ Ես դրան բոլորովին չեմ հավատում։ Ահա թե ինչու։ Կարո՞ղ է իմաստուն մարդը ցանկանալ միշտ ապրել այդպիսի խառնաշփոթության մեջ։ Ոչ, իսկապես չի կարող։ Իմաստուն մարդը կկառուցի կաթսայի գործարան և երբ ցանկանա հանգստանալ, կարող է փակել այն։

― Բայց ինչ էլ լինի, նա ամենաիմաստուն մարդն է եղել։ Այդ բանն ինձ այրին ինքն է ասել։

― Ինձ համար մեկ է, թե ինչ է ասել այրին։ Սողոմոնն իմաստուն մարդ չի եղել։ Նա երբեմն շատ հիմարաբար է վարվել։ Գիտե՞ս այն երեխայի մասին, որին ուզել է երկու կես անել, ― ասաց Ջիմը։

― Այո, այրին այդ մասին ամեն ինչ պատմել է։

― Լավ, ուրեմն, մի՞թե դա աշխարհի ամենատխմար առաջարկը չէ։ Մի րոպե մտածիր այդ առաջարկության մասին։ Ասենք, թե դու կանանցից մեկն ես, այս կոճղը՝ մյուս կինը, ես էլ՝ Սողոմոն իմաստունը, իսկ այս դոլարն էլ՝ երեխան։ Ձեզնից յուրաքանչյուրն ասում է, թե դա իրենն է։ Ի՞նչ անեմ։ Չպե՞տք է հարցնեմ հարևաններին, թե ումն է, և ամբողջությամբ տամ իսկական տիրոջը։ Խելոք մարդն այդպես կանի։ Բայց այստեղ այնպես չէ․ վերցնում եմ դոլարը և երկու կես անում, կեսը տալիս քեզ, կեսը՝ կոճղին։ Սողոմոնն այդպես էր ուզում վարվել երեխայի հետ։ Այժմ ուզում եմ հարցնել քեզ․ ի՞նչ արժեք ունի այդ դոլարի կտրած կեսը, դրանով ոչինչ առնել չես կարող։ Եվ ի՞նչ օգուտ կես երեխայից։ Ես միլիոն հատ կեսի էլ ոչինչ չէի տա։

― Բայց թող այդ, Ջիմ, դու բոլորովին հեռացար նյութից, աստված վկա, հազար մղոնով հեռացար։

― Ո՞վ, ե՞ս։ Գործիդ գնա։ Ինձ քո պատմածը չի հետաքրքրում։ Երբ ես մի բան եմ տեսնում, գիտեմ․ այնտեղ իմաստ կա՞, թե՞ ոչ, իսկ քո պատմածի մեջ իմաստ չկա։ Նրանց վեճը կես երեխայի մասին չի եղել, այլ ամբողջ երեխայի, իսկ եթե մեկը մտածում է, թե ինքը կարող է մեկ երեխայի համար ծագած վեճը հանդարտեցնել կես երեխայով, ապա նա բոլորովին զուրկ է ուղեղից։ Այլևս ինձ մոտ չխոսես քո Սողոմոնի մասին, Հեք, ես նրան առանց քեզ էլ ճանաչում եմ։

― Բայց ես ասում եմ, որ դու չես հասկանում հարցի էությունը։

― Կորչի հարցը։ Ես գիտեմ այն, ինչ գիտեմ։ Իմ կարծիքով իսկական հարցն այդ չէ․ այն ավելի հեռու է և ավելի խոր։ Հարցն այն է, թե ինչ սովորություններ է ունեցել Սողոմոնը։ Օրինակի համար վերցրու մի մարդու, որն ընդամենն ունի մեկ կամ երկու երեխա։ Մի՞թե այդպիսի մարդն իր երեխային կգցի։ Ոչ, իհարկե։ Նա այդպիսի բան թույլ չի տա։ Նա գիտե իր զավակների արժեքը։ Բայց վերցրու մի մարդու, որն ունի հինգ միլիոն երեխա, որոնք վազում են տան չորսբոլորը․ իհարկե, այդ դեպքում դրությունն այլ է։ Նա նույնպիսի պատրաստակամությամբ երկու կես կանի մի երեխայի, ինչպես կկիսեր մի կատու։ Երեխաները շատ են։ Մեկ֊երկուսով ավելի կամ պակաս լինելը Սողոմոնի համար նշանակություն չուներ։

Ես այսպիսի նեգր տեսած չկայի։ Եթե մի գաղափար մի անգամ նրա գլուխը մտներ, այլևս հնարավոր չէր դուրս բերել։ Իմ երբևէ տեսած նեգրերից ոչ մեկը Սողոմոնին այդպես վատ չէր վերաբերվել։ Ուստի ես խոսակցությունը շուռ տվեցի այլ թագավորների վրա և մի կողմ թողի Սողոմոնին։ Պատմեցի Լյուդովիկոս Տասնվեցերորդի[7] մասին, որի գլուխը վաղուց կտրել էին Ֆրանսիայում, ինչպես և նրա փոքրիկ որդու՝ Դոլֆինի[8] մասին, որը թագավոր էր դառնալու, բայց նրան էլ էին բանտարկել։ Ասում էին, թե նա այնտեղ էլ մեռել է։

― Խեղճ փոքրիկ տղա։

― Բայց մի քանիսն ասում են, թե դուրս է եկել այնտեղից ու փախել իբր թե Ամերիկա։

― Այդ լավ է։ Բայց նրա համար շատ տխուր կլինի․ այստեղ թագավորներ չկան, այնպես չէ՞, Հեք։

― Ոչ, չկան։

― Ուրեմն՝ նրա համար պաշտոն էլ չկա։ Ի՞նչ է անելու։

― Չգիտեմ։ Դրանցից մի քանիսը ոստիկանատանն են ծառայում, ոմանք էլ ֆրանսերեն խոսել են սովորեցնում։

― Ինչպե՞ս թե, Հեք, մի՞թե ֆրանսիացիները մեզ պես չեն խոսում։

― Ոչ, Ջիմ։ Նրանց ասածից ոչ մի բառ չես հասկանա, ոչ մի բառ։

― Ա՜յ թե ինչ։ Պատճա՞ռը։

― Չգիտեմ, բայց այդպես է։ Ես նրանց լփռտոցի մասին կարդացել եմ մի գրքում։ Ասենք թե մեկը մոտենում է քեզ ու ասում․ «Պառլե՞ վու ֆրանսե»։ Ի՞նչ կհասկանաս դրանից։

― Ոչինչ չեմ հասկանա։ Կվերցնեմ այդ բառերը և կտամ նրա գլխին։ Այդպես կանեմ, եթե նա սպիտակամորթ չլինի։ Ոչ մի նեգրի թույլ չէի տա, որ ինձ այդպիսի բան ասեր։

― Դու էլ բան ասացիր․ հո քեզ չե՞ն հայհոյի։ Դա միայն նշանակում է․ «Ֆրանսերեն խոսո՞ւմ ես»։

― Այդ դեպքում ինչո՞ւ մարդավարի չի հարցնում։

― Ինչո՞ւ, շատ մարդավարի է հարցնում․ ֆրանսիացիք այդպես են ասում։

― Դա խոսելու ծիծաղելի ձև է, և ես այլևս չեմ ուզում այդ մասին լսել։ Դրա մեջ իմաստ չկա։

― Լսիր, Ջիմ, կատուն մեզ նման խոսո՞ւմ է։

― Ոչ, չի էլ կարող։

― Կովը խոսո՞ւմ է։

― Ոչ էլ կովը։

― Կատուն կարո՞ղ է կովի նման խոսել, կամ կովը կատվի նման։

― Ոչ։

― Բնական է և ճիշտ, որ նրանք տարբեր ձևով խոսեն, այնպես չէ՞։

― Իհարկե։

― Իսկ բնական չէ՞ և ճիշտ, որ կատուն ու կովը մեզ նման չխոսեն։

― Շատ բնական։

― Լավ։ Ուրեմն՝ ինչո՞ւ բնական և ճիշտ չէ, որ ֆրանսիացին իր խոսակցությամբ մեզնից տարբերվի։ Պատասխանիր։

― Կատուն մա՞րդ է, Հեք։

― Ոչ։

― Ուրեմն՝ կատուն կովի կամ մարդու նման խոսելու հետ գործ չունի։ Իսկ ֆրանսիացին մա՞րդ է։

― Այո։

― Լավ, ուրեմն, էլ ինչո՞ւ մարդու նման չի խոսում։

Ես տեսա, որ անօգուտ է բառերը շռայլելը․ հնարավոր չէ նեգրին համոզել։ Ուստի վերջ տվի այդ խոսակցությանը։


Գլուխ տասնհինգերորդ

Մեր հաշվով երեք գիշեր էլ պիտի գնայինք Կեյրո հասնելու համար, որը Իլինոյսի նահանգի սահմանագլխին էր, ուր Օհայո գետը թափվում է Միսսուրիի մեջ։ Մեր նպատակն էլ հենց դա էր։ Այնտեղ կվաճառեինք լաստը, կնստեինք մի նավ, Օհայո գետով կբարձրանայինք ազատ նահանգները և այլևս վախենալու բան չէինք ունենա։

Հաջորդ գիշերը մեզ վրա մառախուղ իջավ, և մենք որոշեցինք շարժվել դեպի թփուտներով ծածկված մի կղզի։ Մառախուղի մեջ լողալ հարմար չէր։ Բայց երբ ես, պարանը բռնած, մակույկը թիավարեցի առաջ՝ լաստը մի բանի ամրացնելու, տեսա, որ փոքրիկ ծառերից բացի, ոչինչ չկա։ Պարանը փաթաթեցի գետափնյա մի ծառի, բայց ջրի հոսանքն այդտեղ այնքան ուժեղ էր, որ լաստը թափով եկավ, ծառն արմատահան արեց ու շարունակեց իր ընթացքը։ Ես նկատեցի, որ մառախուղն ավելի ու ավելի է թանձրանում, և դա այնպես ընկճեց ու վախեցրեց ինձ, որ կես րոպե չկարողացա տեղիցս շարժվել, իսկ լաստն այդ միջոցին արդեն անհետացել էր իմ տեսողությունից։ Հնարավոր չէր տեսնել քսան յարդ հեռու։ Ես ցատկեցի մակույկի մեջ, վազեցի հետնակողմը, վերցրի թիակը և սկսեցի առաջ մղել մակույկը, բայց սա տեղից չշարժվեց։ Այնքան էի շտապել, որ պարանը չէի արձակել։ Վեր կացա, փորձեցի արձակել, բայց շատ էի հուզված, և ձեռքերս էլ այնպես էին դողում, որ հազիվ թե կարողանայի մի բան անել։

Հենց որ մակույկը շարժվեց, տաքացած ու բուռն եռանդով շտապեցի հասնել լաստին, թիավարելով կղզյակի երկարությամբ։ Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում։ Կղզյակը հազիվ վաթսուն յարդ երկարություն ունենար, և երբ հասա նրա ծայրին, ընկա սպիտակ, թանձր մառախուղի մեջ։ Ես իմ որտեղ լինելը նույնքան էի պատկերացնում, որքան մեռած մարդը։

Մտածեցի, որ թիավարելը իմաստ չունի․ գիտեի, որ կամ ափի ծանծաղուտը կընկնեմ, կամ կղզի, կամ նման մի տեղ։ Ուստի որոշեցի հանգիստ նստել․ թող հոսանքը տանի ինձ ուր ուզում է։ Բայց շատ դժվար է նման պահերին ձեռքերը ծալել ու նստել։ Ես ձայն էի տալիս և ապա ականջ դնում։ Հեռվից, ներքևից, գալիս էր հազիվ լսելի մի ձայն, և դա ինձ սիրտ էր տալիս։ Նետի նման սլացա այդ կողմը, ականջներս սրած սպասեցի, որ նորից լսեմ այն ձայնը։ Նորից լսեցի մի կանչ, և պարզվեց, որ բոլորովին էլ այն կողմը չեմ գնում, այլ դեպի աջ եմ շարժվում։ Ուղղություն վերցրի դեպի ձախ։ Նորից ոչ մի արդյունքի չհասա, որովհետև մեկ այս, մեկ այն կողմ էի անընդհատ պտույտ գործում, իսկ ձայնն ամբողջ ժամանակ ուղիղ շարժվում էր առաջ։

Ուզում էի, որ այդ հիմարը գլխի ընկներ, թիթեղի կտորի շարունակ հարվածեր, բայց նա, իհարկե, այդպես չարեց, և ինձ շփոթեցնում էին այդ կանչերի միջև ընկած լուռ պահերը։ Այնուամենայնիվ, անընդհատ շարժվում էի առաջ և հանկարծ հեռվից լսեցի մի կանչ։ Արդեն բոլորովին շփոթվեցի։ Դա կամ մի ուրիշ ձայն էր, կամ էլ ես էի շուռ եկել։

Թիակը թողեցի։ Նորից լսեցի այդ կանչը, որը դեռ իմ թիկունքում էր, միայն թե տարբեր տեղերից էր հնչում։ Ես շարունակում էի պատասխանել։ Շուտով այդ ձայնը նորից իմ առջևում էր։ Մտածեցի, որ հոսանքից մակույկի քիթը շուռ է եկել դեպի ցած։ Ուրեմն, ամեն ինչ կարգին է, եթե միայն այդ գոռացողը Ջիմն է և ոչ մի ուրիշ լաստավար։ Մառախուղում ոչինչ չէի կարող ասել ձայնի մասին, որովհետև ոչ մի բան իր բնական տեսքով չի երևում, ոչ էլ ձայնն է բնական հնչում։ Կանչերը շարունակվում էին, և մեկ րոպե հետո ես հասա գահավեժ մի ափ, որտեղ վեր էին ձգվում մեծ֊մեծ ծառերի մառախլապատ ուրվականներ։ Հոսանքն ինձ քշեց դեպի ձախ, տարավ նավարկությունը դժվարացնող, ջրի միջից ցցված բազմաթիվ ծառերի արանքը, որոնք, բախվելով սրընթաց հոսանքին, շառաչում էին։

Մեկ֊երկու վայրկյան հետո նորից ընկա սպիտակ մառախուղի մեջ։ Նորից նույն խոր լռությունը։ Ես կատարելապես անշարժ նստել էի, ունկնդրելով իմ սրտի բաբախյունին և, թվում էր, թե մի անգամ շունչ առնելիս սիրտս հարյուր անգամ բաբախում էր։

Ես անմիջապես հասկացա, թե բանը ինչ է և ձեռ քաշեցի այդ ափից։ Այդ զառիթափը կղզու մի կողմն էր, իսկ Ջիմը գնացած կլիներ մյուս ափը։ Դա սովորական փոքրիկ կղզյակ չէր, որ հնարավոր լիներ տասը րոպեում թիավարելով հասնել ծայրը։ Այնտեղ աճում էին իսկական կղզու մեծ֊մեծ ծառեր։ Հավանորեն դա կունենար հինգ կամ վեց մղոն երկարություն և ավելի քան կես մղոն լայնություն։

Մոտ տասնհինգ րոպե հանգիստ սպասեցի՝ ականջներս սրած։ Հոսանքը, իհարկե, ժամում չորս֊հինգ մղոն ինձ տանում էր առաջ, բայց դա սովորաբար չես նկատում, ընդհակառակը, այնպես է թվում, թե մակույկն անշարժ կանգնած է ջրում։ Եվ երբ ծառի մի փոքրիկ բուն սահում անցնում է աչքիդ առջևից, չես պատկերացնում, թե ինչպիսի արագությամբ ես գնում, բայց պահում ես շունչդ և մտածում, թե ինչպես է սլանում ջուրը։ Եթե ձեր կարծիքով դա այնքան էլ տխուր ու սարսափելի չէ, գոնե մեկ անգամ փորձեք և կտեսնեք։

Այնուհետև մոտ կես ժամ մերթընդմերթ գոռում էի։ Վերջապես լսեցի հեռվից եկող մի պատասխան ձայն և փորձեցի հետևել դրան, բայց չկարողացա և անմիջապես մտածեցի, որ ընկել եմ կղզյակների մի բնի մեջ, որովհետև իմ երկու կողմում էլ աղոտ կերպով նշմարում էի ինչ֊որ կղզյակներ։ Երբեմն ինձ դրանցից բաժանողը մի բարակ նեղուց էր լինում։ Մի քանիսն էլ, որ չէի նկատել, իրենց գոյությունն զգացնել էին տալիս․ լսում էի, թե հոսանքն ինչպես է բախվում ափերին կիտված չոր մացառներին ու աղբին։ Ինչ որ է, շուտով այդ կղզյակների արանքում շփոթվելով, այլևս կանչեր չէի լսում։ Սկզբում փորձեցի որևէ կերպ հետևել ձայներին, բայց դա ավելի անօգուտ էր, քան շարժվող լույսին հետևելը։ Ես դեռ չեմ տեսել, որ ձայնն այդպես հանկարծ խորտակվի և այդքան արագ ու հաճախ փոխի իր տեղը։

Չորս֊հինգ անգամ ստիպված եղա շուռումուռ գալ՝ ափից հեռու մնալու համար, որպեսզի չբախվեի կղզիներին։ Մտածում էի, թե լաստը պետք է որ հաճախ բախված լինի ափին, այլապես շատ հեռացած կլիներ և լսողության սահմանից դուրս․ այն ավելի արագ էր լողում, քան մակույկը։

Ինչ որ է, շուտով ինձ թվաց, թե նորից բաց գետի վրա եմ, բայց ոչ մի տեղից ձայն չէի լսում։ Ենթադրում էի, թե Ջիմը գուցե բախվել է ջրասույզ ծառերի և իր հաշիվը փակել։ Շատ էի հոգնած։ Պառկեցի մակույկի մեջ, մտածելով, թե այլևս միտք չունի չարչարվել։ Իհարկե, քնել չէի ուզում, բայց աչքերս այնպես էին փակվում, որ դիմադրել չէի կարող։ Վճռեցի, որ պետք է կատվի պես մի քիչ քնել։

Բայց իմ հաշվով դա կատվի քուն չէր․ երբ արթնացա, մառախուղը ցրվել էր, աստղերը պայծառ շողում էին, և գետի մի մեծ ոլորան պտտեցնում էր մակույկը, առաջ գցելով հետնամասը։ Ամենից առաջ չգիտեի, թե որտեղ եմ։ Ինձ թվաց, թե դա երազ է, իսկ երբ սկսեցի որոշ բաներ վերհիշել, ամեն ինչ այնպես աղոտ էի պատկերացնում, որ դրանք կարծես անցյալ շաբաթ էին կատարվել։

Այստեղ գետը սարսափելի լայն էր։ Ափերը երկու կողմից ծածկված էին բարձր ու խիտ անտառով, որն ինչքան կարելի էր նշմարել աստղերի լույսի տակ, գոյացրել էր հաստատուն մի պատ։ Նայեցի հեռուն, գետի հոսանքն ի վար և ջրի մակերեսին նկատեցի մի սև կետ։ Հետևեցի այդ կետին և, երբ հասա, տեսա, որ դա երկու գերան էր՝ իրար միացրած։ Ապա նկատեցի մի այլ կետ, հետևեցի, ապա մի երրորդը, և այս անգամ չսխալվեցի․ դա մեր լաստն էր։

Երբ հասա լաստին, Ջիմը նստած էր այնտեղ, գլուխը կախած երկու ծնկների արանքը։ Նա քնած էր, աջ թևը հենած ղեկաթիակին։ Մյուս թիակը ճզմվել, ջարդվել էր, և լաստը ծածկված էր տերևներով, ճյուղերով և ցեխով։ Հասկանալի էր, որ դա նույնպես խորդուբորդ ճանապարհ էր անցել։

Կապեցի մակույկը, պառկեցի լաստի վրա, Ջիմի քթի տակ, սկսեցի հորանջել, ապա բռունցքներս դեմ արեցի Ջիմին, ասելով․

― Հե՜յ, Ջի՛մ, մի՞թե ես մինչև հիմա քնած եմ եղել։ Ինչո՞ւ չես արթնացրել։

― Աստվա՛ծ իմ, այդ դո՞ւ ես, Հեք։ Եվ դու չե՞ս մեռել․․․ չե՞ս խեղդվել․․․ վերադարձե՞լ ես։ Չեմ հավատում աչքերիս, քաղցրիկս, չեմ հավատում։ Թող մի լավ նայեմ քեզ, որդիս, նայեմ քեզ։ Ոչ, չես մեռել, վերադարձել ես, ողջ և առողջ, ճիշտ նույն Հեքը, նախկին Հեքը, փա՛ռք աստծո։

― Ի՞նչ է պատահել քեզ, Ջիմ։ Հարբա՞ծ ես։

― Հարբա՞ծ։ Մի՞թե հարբած եմ։ Մի՞թե ժամանակ էի գտել հարբելու։

― Հապա ի՞նչն է ստիպում քեզ այդպես խելացնոր բաներ ասել։

― Ի՞նչ խելացնոր բան։

― Ի՞նչ։ Չասացի՞ր իմ վերադարձի մասին և նման դատարկ բաներ, կարծես թե ես ուրիշ տեղ եմ եղել։

― Հե՛ ք, Հե՛ք Ֆինն, նայիր աչքերիս, նայիր աչքերիս։ Մի՞թե ուրիշ տեղ չես գնացել։

― Ուրիշ տե՞ղ։ Ի՞նչ ես ուզում ասել։ Ես ոչ մի տեղ չեմ գնացել։ Որտե՞ղ պիտի գնացած լինեի։

― Լսիր, Հեք, այստեղ ինչ֊որ սխալ բան կա։ Մի՞թե սա ես եմ, կամ ո՞վ եմ ես, ես այստե՞ղ եմ, կամ որտե՞ղ եմ։ Այդ եմ ուզում իմանալ։

― Լավ, կարծում եմ, որ այստեղ ես․ դա պարզ է ու հասկանալի, բայց մտածում եմ, որ դու ցնդած, հիմար ծերուկ ես, Ջիմ։

― Հիմա՞ր եմ, հիմա՞ր եմ։ Լավ, դու իմ այս հարցին պատասխանիր․ դու մակույկով չմոտեցա՞ր կղզյակին՝ պարանը բռնած, որպեսզի լաստը ծառին կապեիր։

― Ոչ, չեմ կապել։ Ի՞նչ կղզյակ։ Ես ոչ մի կղզյակ չեմ տեսել։

― Կղզյակ չե՞ս տեսել։ Ինչպե՞ս թե չես տեսել․ մի՞թե պարանը չարձակվեց և լաստը չգնաց ջրի հետ, քեզ թողնելով մակույկի մեջ, մառախուղում։

― Ի՞նչ մառախուղ։

― Մառախուղ, այն մառախուղը, որ ամբողջ գիշերը պատել էր չորս կողմը։ Եվ դու չէի՞ր գոռում, և մենք շփոթվեցինք կղզյակների միջև, մեզնից մեկը կորավ, մյուսին էլ նույնչափ կարելի էր կորած համարել, որովհետև չգիտեր, թե ինքը որտեղ է։ Եվ ես խճճվեցի այդ բազմաթիվ կղզյակների մեջ, սարսափելի ժամեր անցկացրի։ Քիչ էր մնում խեղդվեի։ Ասա, այդպես չէ՞, Հեք, այդպես չէ՞։ Պատասխանիր։

― Չափազանց անհասկանալի բաներ ես ասում, Ջիմ։ Ես ոչ մի մառախուղ չեմ տեսել, ո՛չ կղզիներ, ո՛չ էլ նեղություն կամ նման բաներ։ Ես նստած եմ եղել այստեղ, խոսել եմ քեզ հետ ամբողջ գիշերը, մինչև դու մի տասը րոպե առաջ քնեցիր, ես էլ, երևի քնել եմ։ Դու այդքան շատ չէիր կարող հարբել, ասել կուզի՝ երազ ես տեսել։

― Բայց ինչպե՞ս կարող էի այդ բոլորը տասը րոպեում տեսնել։

― Լավ, թողնենք դա․ երազումդ ես տեսել, որովհետև այդ ասածներիցդ ոչ մեկը չի պատահել։

― Բայց, Հեք, այդ բոլորն ինձ համար նույնքան պարզ է, որքան․․․

― Նշանակություն չունի, թե որքան պարզ է, դրանում ոչինչ չկա։ Ես լավ գիտեմ, որովհետև ամբողջ ժամանակ քեզ հետ եմ եղել։

Մոտ հինգ րոպե Ջիմը ոչինչ չասաց․ նա նստած խորհրդածում էր այդ մասին։ Ապա ասաց․

― Լավ, այդ դեպքում ընդունում եմ, որ քնել եմ, Հեք, բայց մեռնեմ, եթե դա երբևիցե տեսածս երազներիցս ամենածանրը չի եղել։ Եվ ես մինչ այդ երբեք այնպիսի երազ չեմ տեսել, որն ինձ այդքան հոգնեցներ։

― Դե, ի՞նչ կա որ․ երբեմն ոչ մի բան մարդուն այնպես չի հոգնեցնում, ինչպես երազը։ Բայց այս մեկը իմաստուն երազ է։ Մեկնաբանինր այդ երազը, Ջիմ։

Ջիմը գործի անցավ և ինձ պատմեց ամբողջը՝ սկզբից մինչև վերջ, ճիշտ այնպես, ինչպես պատահել էր, միայն թե շատ գունազարդեց։ Ապա ասաց, որ այժմ պետք է մեկնաբանել, քանի որ այդ երազը ուղարկվել է մեզ որպես նախազգուշացում։ Նրա ասելով, առաջին կղզյակն այն մարդն է, որը կաշխատի մեզ համար լավ բան անել, բայց հոսանքը մի այլ մարդ է, որը մեզ հեռացնում է առաջինից։ Գոռոցները նախազգուշացումներ են, որ միշտ կգան, իսկ եթե մենք չուզենք նեղություն կրել և հասկանալ դրանք, ապա ձայները մեր գլխին փորձանք կբերեն, փոխանակ մեզ հեռու պահելու։ Կղզյակների բազմությունը նշանակում է նեղություն։ Դա կգա, եթե գործ բռնենք վատ ու ամեն տեսակի ստոր մարդկանց հետ։ Բայց եթե մենք մեր գործին հետևենք և ուրիշներին խոսք չդարձնենք ու չբարկացնենք, կշարժվենք առաջ, դուրս կգանք մառախուղից դեպի մեծ, վճիտ գետը, ասել կուզի՝ ազատ նահանգները և այլևս ձախորդության չենք պատահի։

Լաստը բարձրանալուցս հետո ամպերը մթնեցրին շրջակայքը, բայց շուտով երկինքը նորից պարզվեց։

― Դե, Ջիմ, այդ բոլորը բավական լավ մեկնաբանեցիր, ― ասացի ես, ― բայց սրա՞նք ինչ են։

Խոսքը վերաբերում էր լաստի վրա թափված տերևներին ու ցեխին, ինչպես և կոտրված թիակին։ Այժմ դրանք լավ երևում էին։

Ջիմը նայեց այդ թափթփուկներին, նայեց ինձ և ապա՝ նորից թափթփուկներին։ Երազի մասին մեր խոսակցությունը այնպես ուժեղ էր տպավորվել նրա գլխում, թվում էր, թե նա անզոր է այն վանել և անմիջապես դրանք փոխարինել փաստերով։ Բայց երբ ամեն ինչ հասկացավ, անթարթ, անժպիտ նայեց ինձ ու ասաց․

― Դրանք ի՞նչ բաներ են։ Հիմա կասեմ։ Երբ ես հոգնեցի թիավարելուց ու կանչելուց և վայր ընկա քնելու, սիրտս այնպե՜ս էր կոտրված քեզ կորցնելու համար։ Ես չէի մտածում, թե ինչ կպատահի ինձ կամ լաստին։ Եվ երբ արթնացա ու նորից գտա քեզ ողջ֊առողջ, այնքան ուրախացա, որ աչքերս լցվեցին արցունքներով, ուզեցի ծնկաչոք համբուրել ոտքերդ։ Իսկ դու ուզում ես միայն ստել ու գժվեցնել ծեր Ջիմին։ Այդ ամբողջն աղբ է, անպետք բան․ անպետք են այն մարդիկ, որոնք իրենց ընկերների գլխին աղբ են շպրտում և ամաչեցնում նրանց։

Նա կամաց վեր կացավ, քայլեց դեպի վիգվամը, ներս մտավ և այլևս ոչինչ չասաց։ Բայց դա բավական էր։ Այդ խոսքերից ես ինձ այնպես նվաստացած էի զգում, որ պատրաստ էի գրեթե համբուրելու նրա ոտքերը, միայն թե նա իր ասածը ետ վերցներ։

Մոտ տասնհինգ րոպե անցավ, մինչև ես կարողացա կոտրել ինձ, գնալ խոնարհվելու մի նեգրի առջև։ Բայց ես դա արեցի և հետագայում երբեք չափսոսացի դրա համար։ Այլևս ոչ մի ստոր խաղ չխաղացի նրա գլխին, և այդ կատակն էլ չէի անի, թե իմանայի, որ նա կվշտանա։


Գլուխ տասնվեցերորդ

Մենք գրեթե ամբողջ օրը քնեցինք և ճանապարհ ընկանք գիշերը։ Մեր առջևից լողում էր երկար մի լաստ, որը աննկատ շարժվում էր, ինչպես թափոր։ Լաստի յուրաքանչյուր ծայրին կար չորս երկար, մեծ թի։ Պետք է որ այնտեղ լինեին երեսուն մարդուց ոչ պակաս։ Լաստի վրա, իրարից բավական հեռու, պատրաստել էին հինգ մեծ վիգվամ, դրանց արանքում վառել բացօթյա խարույկ, իսկ լաստի ամեն ծայրին տնկել դրոշակի մի երկար ձող։ Դա հզորության ու նորաձևության նշան էր։ Արժեր լաստավար լինել այդպիսի մի լաստի վրա։

Հոսանքի հետ գնալով, հասանք մի մեծ ոլորանի։ Գիշերն ամպամած էր, տոթ։ Գետը շատ լայն էր, և երկու ափերին պատի նման բարձրանում էր խիտ անտառը։ Հազիվ թե բացատ լիներ կամ ծառերի միջից լույսի նշույլ երևար։ Մենք խոսում էինք Կեյրոյի մասին և հարցնում իրար, թե հասնելիս կիմանա՞նք, որ Կեյրոն դա է։ Ես ասում էի, որ այնտեղ ընդամենը տասը տուն կա։ Եթե այնպես պատահեր, որ լույսերը վառած չլինեին, ինչպե՞ս իմանայինք, թե անցնում ենք ավանի առջևով։ Ջիմն ասում էր, որ եթե այնտեղ երկու մեծ գետ միանում են իրար, ապա դրանից կիմացվի տեղը։ Բայց ես ասացի, գուցե մեզ թվա, թե անցնում ենք կղզու մոտով և նորից գանք հին գետը։ Դա անհանգստացրեց Ջիմին, ինչպես և ինձ։ Ի՞նչ անենք։ Ես ասացի, որ լույս երևալուն պես մակույկով կթիավարեմ ափ, կհայտնեմ, որ հետևից առևտրական լաստանավով գալիս է հայրս և այս գործի մեջ փորձ չունի․ ուզում է իմանալ, թե դեռ որքան ճանապարհ է մնում մինչև Կեյրո։ Ջիմը գտնում էր, որ դա լավ միտք է։ Ծխեցինք ու սպասեցինք։

Այժմ ոչինչ չէր մնում անելու, բացի ուշի֊ուշով շրջապատը դիտելուց։ Պետք է հետևեինք, թե երբ կերևա ավանը, այլապես կանցնեինք մոտով առանց նկատելու։ Ջիմն ասում էր, թե ինքը միանգամայն վստահ է, որ բաց չենք թողնի ավանը և ինքը կդառնա ազատ մարդ։ Իսկ եթե վրիպենք, նորից կընկնի ստրկատիրական նահանգ, և արդեն հավերժ հրաժեշտ ազատությանը։ Ամեն րոպե նա վեր էր ցատկում ու ասում․

― Ահա Կեյրոն։

Բայց սխալվում էր։ Նրա տեսած լույսերը շարժվող կրակներ էին լինում կամ լուսատիտիկներ։ Նորից նստում էր տեղը և հսկում, ինչպես առաջ։ Ջիմն ասաց, որ ինքը հուզվում, տենդային վիճակի մեջ է ընկնում, երբ զգում է, թե որքան մոտ է ազատությունը։ Բայց ես էլ պակաս չէի հուզվում ու դողում, երբ լսում էի, որովհետև միայն այժմ սկսեցի մտքովս անցկացնել, որ նա իսկապես շուտով ազատ կլինի։ Բայց այդ բանում ո՞վ էր մեղավորը։ Իհարկե, ես։ Չգիտեի, թե ինչպես կամ ինչ ճանապարհով խիղճս ազատեմ դրանից։ Այդ բանն այնպես է ինձ նեղում, որ դադար չունեի, չէի կարողանում հանգիստ մնալ մի տեղում։ Մինչ այդ երբեք ինձ հարց չէի տվել, թե ինչ է իմ արածը։ Բայց այդ միտքն ինձնից չէր հեռանում ու ավելի էր այրում հոգիս։ Փորձեցի ինքս ինձ համոզել, թե ես մեղավոր չեմ, քանի որ Ջիմին ես չեմ փախցրել իր օրինական տիրոջից։ Բայց ապարդյուն․ խիղճս ամեն անգամ ըմբոստանում էր իմ դեմ ու ասում․ «Դու գիտեիր, որ նա փախչում է հանուն ազատության, կարող էիր թիավարել դեպի ափ և այդ մասին մեկին հայտնել։ Եվ դա ճիշտ կլիներ։ Դրա համար էլ ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել այդ մտքերից։ Ահա թե որն էր դժվարությունը։ Խիղճս ասում էր․ «Քեզ ի՞նչ էր արել խեղճ միսս Ուոթսոնը, որ դու կարողացար հանգիստ նայել, երբ նրա նեգրը աչքիդ առաջ փախչում էր ու ոչ մի բառ չասացիր։ Ի՞նչ էր արել քեզ այդ խեղճ պառավը, որ դու կարողացար այդպես ստորաբար վարվել նրա հետ։ Չէ՞ որ նա ամեն կերպ աշխատում էր քո դասը սովորեցնել, բացատրում էր, թե ինչպես պետք է վարվել մարդկանց հետ, աշխատում էր ամեն կերպ բարի լինել քո նկատմամբ։ Ոչ մի վատ բան չէր արել քեզ»։

Ինձ այնպես նվաստացած ու ողորմելի էի զգում, որ ուզում էի մեռնել։ Լաստի վրա անհանգիստ ետ ու առաջ էի քայլում, նախատում ինքս ինձ։ Ջիմը նույնպես անհանգիստ էր։ Մեզնից ոչ մեկը չէր կարողանում հանգիստ նստել։ Ամեն անգամ նա պարելով շուռ էր գալիս ու ասում․ «Ահա Կեյրոն», և այդ բառերը սրտիս միջով անցնում էին ինչպես գնդակ, և ես մտածում էի, եթե դա Կեյրոնն է, ես կմեռնեմ ամոթից։

Մինչ ես ինքս ինձ խորհրդածում էի, Ջիմը ինքնիրեն ամբողջ ժամանակ բարձրաձայն խոսում էր։ Նա ասում էր, թե ինչպես որևէ ազատ նահանգ հասնելիս, իր առաջին գործը կլինի փող խնայել, ոչ մի ցենտ չծախսել և երբ բավական փող հավաքի, փրկագնով կազատի կնոջը, որը ստրկուհի էր մի ագարակում, ոչ հեռու միսս Ուոթսոնի բնակավայրից։ Այնուհետև երկուսով կաշխատեն և ետ կգնեն իրենց երկու երեխաներին։ Իսկ եթե տերը չվաճառի նրանց, ապա իրենք կդիմեն մի աբոլիցիոնիստի, որը և նրանց կգողանա։

Այս խոսակցությունը լսելիս սառչում էի։ Նա իր կյանքում երբեք չէր համարձակվել նման բան խոսել։ Ահա տեսեք, թե ինչպիսի փոփոխություն էր առաջանում նրա մեջ, երբ մտածում էր, թե մոտ է իր ազատությանը։ Դա նման էր մի հին ասացվածքի․ «Նեգրին մեկ մատ տուր, և նա ամբողջ թևը կվերցնի»։ Ես մտածում էի, թե ահա ինչ է դուրս գալիս իմ թեթևամտությունից։ Աչքիս առաջ էր այս նեգրը, որին ես շատ թե քիչ օգնել էի փախչելու։ Սա արիանալով ասում էր, թե գողանալու է իր երեխաներին, երեխաներ, որ պատկանում էին մի ուրիշ մարդու, իսկ այդ մարդուն ես նույնիսկ չէի ճանաչում և նա երբեք ինձ ոչ մի վնաս չէր տվել։

Ինձ համար ցավալի էր Ջիմից նման բան լսել․ նրա կողմից դա ստորություն էր։ Խիղճս զայրույթից ինձ ավելի ուժեղ էր ցնցում, քան երբևէ, մինչև ի վերջո ասացի խղճիս․ «Ինձ հանգիստ թող, դեռ ուշ չէ․ հենց որ առաջին լույսը նկատեմ, կթիավարեմ ափ ու կհայտնեմ»։ Անմիջապես հանգստացա, ինձ զգացի ուրախ ու փետուրի պես թեթև։ Իմ ամբողջ տագնապն անհետացավ։ Սկսեցի ուշադիր հետևել, թե լույս չի՞ երևում, և ինչ֊որ բան էի երգում։ Շուտով երևաց մի լույս, և Ջիմը գոչեց․

― Մենք փրկվա՜ծ ենք, Հեք, մենք փրկվա՜ծ ենք։ Վե՛ր կաց և կրնկի պարիր։ Ահա, վերջապես, հին, բարի Կեյրոն։ Ես լավ գիտեմ։

Ես ասացի․

― Ջիմ, վերցնեմ մակույկը, գնամ տեսնեմ։ Գուցե դա չէ։

Նա վեր թռավ տեղից ու պատրաստեց մակույկը, իր հին բաճկոնը փռեց հատակին, որ նստեմ ու թիակը տվեց ինձ։ Եվ երբ ես արդեն թիավարելով հեռանում էի, ասաց․

― Շուտով ես ուրախությունից կգոռամ և կասեմ, որ այդ բոլորը կատարվեց Հեքի շնորհիվ։ Ես ազատ մարդ եմ, և երբեք չէի ազատվի, եթե Հեքը չլիներ։ Դա Հեքն է արել։ Ջիմը քեզ չի մոռանա, Հեք։ Ջիմի բարեկամներից ամենալավը դու ես, իսկ այժմ միակ բարեկամը։

Ես քրտնաթոր հեռանում էի դեպի ափ, որպեսզի հայտնեի նրա մասին, բայց երբ նա ասաց այդ բառերը, թվաց, թե ամբողջովին զինաթափ եղա։ Այժմ դանդաղեցրի ընթացքս և որոշակի չգիտեի․ լա՞վ էր, որ այդ քայլին էի դիմում, թե՞ ոչ։ Երբ հիսուն յարդ հեռացել էի, Ջիմն ասաց․

― Ահա, գնում ես, իմ վաղեմի՛ բարեկամ, հավատարի՛մ Հեք, միակ սպիտակամորթ ջենտլմենը, որը հարգում է ծերուկ Ջիմին տված խոստումը։

Նրա այդ խոսքերը թուլացրին ինձ։ Կարծես հիվանդ լինեի։ Բայց ինքս ինձ ասացի․ «Պետք է անեմ, չեմ կարող չանել»։ Հենց այդ ժամանակ իմ կողմը եկավ մի մակույկ, մեջը՝ հրացանավոր երկու մարդ։ Նրանք կանգ առան․ ես էլ կանգ առա։ Նրանցից մեկն ասաց․

― Այդ ի՞նչ է այնտեղ։

― Լաստ, ― ասացի ես։

― Դո՞ւ էլ այդ լաստից ես։

― Այո, սըր։

― Այնտեղ մարդիկ կա՞ն։

― Միայն մեկը, սըր։

― Լավ, այս գիշեր այնտեղ վերևում, ոլորանի գլխին հինգ նեգր են փախել։ Քո ասած մարդը սև՞ է, թե՞ սպիտակ։

Ես անմիջապես չպատասխանեցի։ Փորձեցի որևէ բան ասել, բայց բառերը բերանիցս դուրս չէին գալիս։ Մեկ֊երկու վայրկյան ջանացի հավաքել ինքս ինձ և ամեն ինչ ասել, բայց հարկ եղած արիությունը չունեցա։ Մի ճագարի լեղի էլ չունեի։ Զգում էի, որ ուժասպառ եմ լինում, ուստի հրաժարվեցի զուր ջանքերի գործադրումից և ասացի․

― Սպիտակ է։

― Կարծում եմ, պետք է անձամբ գնանք ստուգենք։

― Ես էլ եմ ուզում, որ գնանք, ― ասացի ես, ― այնտեղ հայրս է, և գուցե դուք օգնեք ինձ լաստը քաշելու ափ, որտեղ լույսն է։ Նա հիվանդ է, ինչպես և մայրս ու Մերի Աննան։

― Ա՜խ, սատանան տանի, մենք շտապում ենք, տղա։ Բայց կածում եմ, պետք է օգնել։ Արի, թիակովդ կառչիր մեր նավակից, և գնանք։

― Ես կառչեցի թիակով, և նրանք էլ կռացան իրենց թիակների վրա։ Մեկ֊երկու հարվածից հետո ես ասացի․

― Հայրս շատ շնորհակալ կլինի։ Ում խնդրեցի, որ մեզ օգնեն, լաստը ափ քաշեն, ուշադրություն չդարձրին և թողին֊հեռացան, իսկ ինքս մենակ անել չեմ կարող։

― Դժոխային ստորություն է և տարօրինակ։ Ասա՛, տղա՛, ի՞նչ է պատահել հորդ։

― Նա․․․ նա․․․ մի առանձին բան չկա։

Նրանք վերջ տվին թիավարելուն։ Մինչև լաստը քիչ էր մնացել, երբ նրանցից մեկն ասաց․

― Տղա՛, դու սուտ ես խոսում։ Ի՞նչ է պատահել հորդ։ Ճիշտ ասա, քեզ համար ավելի լավ է՝ ճիշտն ասես։

― Կասեմ, սըր, կասեմ, ազնիվ խոսք, միայն թե մեզ մի՛ լքեք, խնդրում եմ։ Նա․․․ նա․․․ չէ՞ որ դուք կարիք չունեք լաստին մոտենալու, դուք միայն ծայրից քաշեցեք, իսկ պարանը ես կգցեմ ձեզ։ Խնդրում եմ, օգնեցեք մեզ։

― Ջոն, ե՛տ դարձրու, ե՛տ դարձրու, ― ասաց մեկը։

Նրանք ետ դարձան։

― Հեռո՛ւ կաց, տղա՛, քամու ուղղությամբ կանգնիր։ Սատանան տանի, վախենում եմ, թե քամին վարակը քշի մեզ վրա։ Քո հայըը ծաղկով հիվանդացած կլինի, և դու այդ լավ գիտես։ Ինչո՞ւ հենց սկզբից չասացիր։ Չլինի՞ թե ուզում ես, որ հիվանդությունը տարածվի։

― Ի՞նչ անեմ, ― ասացի ես հեկեկալով, ― ձեզնից առաջ ում ասացի, մեզ թողեցին, հեռացան։

― Խե՛ղճ տղա։ Բայց մեր ասածը ճիշտ է, չէ՞։ Մենք ուղղակի ցավում ենք, բայց մենք․․․ լավ, թողնենք այդ, մենք չենք ուզում ծաղկով հիվանդանալ, հասկանո՞ւմ ես։ Լսիր, ասեմ, թե ինչ անես։ Չփորձես ինքնագլուխ ափ դուրս գալ․ ափին զարնվելով ջարդ ու փշուր կլինես։ Ջրի հոսանքով իջիր մոտ քսան մղոն և գետի ձախ կողմում կտեսնես մի ավան։ Մինչև տեղ հասնես, լույսը վաղուց բացված կլինի, և երբ օգնություն խնդրես, ասա, որ ձերոնք բոլորը մրսել են ու տենդով հիվանդացել։ Նորից չհիմարանաս, որպեսզի մարդիկ կասկածեն, թե բանն ինչ է։ Այժմ մենք ուզում ենք քեզ լավություն անել։ Դրա համար դու մեզնից հեռացիր մի քսան մղոն, լա՞վ, տղա։ Այնտեղ, լույսի մոտ ափ դուրս գալը ոչ մի օգուտ չի բերի քեզ․ դա անտառանյութերի բակ է, ուրիշ ոչինչ։ Քո հայրը հավանորեն թշվառ, դժբախտ մարդ է։ Ահա, այս տախտակի վրա կդնեմ քսան դոլար ոսկեդրամ, և երբ տախտակը լողալով հասնի քեզ, կվերցնես։ Ես ինձ նվաստացած եմ զգում, որ ձեզ թողնում եմ, բայց աստված իմ, ծաղկի հետ կատակ անել չի կարելի, դու այդ հասկանո՞ւմ ես։

― Սպասիր, Փարքեր, ― ասաց մյուս մարդը, ― ահա քսան դոլար էլ իմ կողմից։ Ցտեսություն, տղա․ արա, ինչպես միստր Փարկերն է ասում, և այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի։

― Այդպես է, տղաս, ցտեսություն, ցտեսություն։ Եթե որևէ փախած նեգր տեսնես, օգնություն կանչիր և բռնել տուր։ Քեզ դրա համար փող կտան։

― Ցտեսություն, սըր, ― ասացի ես, ― ես ոչ մի փախած նեգրի բաց չեմ թողնի, եթե կարողանամ։

Նրանք հեռացան, և ես բարձրացա մեր լաստը, ինքս ինձ վատ ու նվաստացած զգալով, շատ լավ գիտեի, որ իմ արածը ճիշտ չէ։ Միաժամանակ հասկանում էի, որ իմ կողմից զուր էր ճիշտ գործելու փորձեր անելը։ Մեկը, որ մանկուց է շեղվում ճշմարիտ ճանապարհից, հետագայում երբեք չես կարող ստիպել․ նա չի կարող ուղղվել։ Նեղն ընկնելիս հենարան չունի, որ ապավինի իր աշխատանքին։ Նա պարտվում է։ Այնուհետև մի րոպե մտածելուց հետո ինքս ինձ ասացի․ սպասիր, ենթադրենք, թե ճիշտ ես վարվել և Ջիմին հանձնել ես նրանց։ Արդյո՞ք դրանից քեզ ավելի լավ կզգայիր, քան հիմա։ Ոչ, պատասխանեցի ինքս ինձ, վատ կզգայի, նույնքան վատ, որքան այժմ։ Լավ, ուրեմն, ասացի ես, էլ ի՞նչ օգուտ ճիշտ գործելուց, երբ ճիշտ գործելը ձանձրալի է այն ժամանակ, երբ սխալը նեղություն չի պատճառում, իսկ հատուցումը նույնն է։ Ես կանգնել էի փակուղու առջև, և պատասխան չկար։ Մտածեցի, որ դրա համար այլևս չեմ անհանգստանա և այսուհետև միշտ կանեմ այն, ինչ այդ պահին ամենից օգտակարն է։

Մտա մեր վիգվամը։ Ջիմն այնտեղ չէր։ Նայեցի շուրջս և ոչ մի տեղ նրան չգտա։ Կանչեցի․

― Ջի՜մ։

― Այստեղ եմ, Հեք։ Նրանք արդեն այնքան հեռո՞ւ են, որ մեզ չտեսնեն․ կամա՛ց խոսիր։

― Ջիմը մտել էր ջուրը, լաստի հետնամասի թիակի տակ։ Ջրից դուրս միայն քիթն էր երևում։ Ասացի, որ նրանք այլևս չեն երևում։ Ջիմը բարձրացավ լաստի վրա։ Նա ասաց․

― Ես լսեցի ձեր ամբողջ խոսակցությունը, սուզվեցի գետի մեջ և պատրաստվում էի լողալով ափ դուրս գալ, եթե նրանք գային մեր լաստը։ Երբ գնային, նորից կվերադառնայի։ Բայց ինչպե՜ս խաբեցիր նրանց, Հեք։ Ամենասրամիտ ձևով գլուխներս ազատեցիր։ Պետք է ասեմ, տղաս, որ դրանով փրկեցիր ծեր Ջիմին։ Ծեր Ջիմը դա չի մոռանա, քաղցրի՜կս։

Ապա խոսեցինք փողից։ Բավական լավ եկամուտ էր՝ ամեն մեկիս քսան դոլար։ Ջիմն ասաց, թե այժմ կարող ենք տախտակամածի տոմսեր գնել ու ճանապարհորդել շոգենավով։ Փողն այնքան է, որ մեզ կբավականացնի մինչև ազատ նահանգները։ Նա ասաց, որ քսան մղոնն այնքան հեռու տարածություն չէ լաստի համար, բայց ինքն ուզում էր, որ մենք այժմ արդեն հասած լինեինք այնտեղ։

Լուսադեմին մոտեցանք ափին և կապեցինք լաստը։ Ջիմն ամեն կերպ աշխատեց այն լավ քողարկել։ Ամբողջ օրն զբաղվեց իրերը կարգի բերելով ու կապկպելով, որ լաստին հրաժեշտ տանք։

Այդ գիշեր ժամը տասին մենք հեռվում, ոլորանի ձախ կողմում, նկատեցինք ինչ֊որ քաղաքի լույսեր։

Ես մակույկով գնացի իմանալու, թե ինչ տեղ է այդ։ Շուտով գետի վրա, նավակում գտա մի մարդու, որը փորձում էր կարթով ձուկ բռնել։ Մոտեցա ու հարցրի․

― Միստր, դա Կեյրո քաղա՞քն է։

― Կեյրո՞ն։ Ոչ։ Խելքդ հո չե՞ս թռցրել։

― Հապա ի՞նչ քաղաք է դա, միստր։

― Թե ուզում ես իմանալ, գնա և իմացիր։ Եթե մնաս այստեղ և ինձ ձանձրացնես թեկուզ կես րոպե, ապա կստանաս այն, ինչ ցանկալի չէ քեզ համար։

Վերադարձա լաստը։ Ջիմը սարսափելի հիասթափվեց, բայց ես ասացի, որ շատ չմտահոգվի։ Իմ կարծիքով դրանից հետո Կեյրոն է։

Դեռ լույսը չբացված հասանք մի այլ քաղաք։ Ես նորից դուրս եկա, բայց ափն այստեղ բարձր էր և չշարունակեցի ճանապարհս։ Ջիմն ասում էր, որ Կեյրոյի շրջապատում բարձրադիր տեղեր չկան։ Ես մոռացել էի։ Ցերեկն անցկացնելու համար կանգ առանք մի կղզյակի մոտ, որը բավական մոտ էր ափին։ Ինչ֊որ կասկած անցավ մտքովս։ Կասկածում էր և Ջիմը։ Ես ասացի․

― Գուցե մենք Կեյրոյի առջևով անցել ենք այն գիշերը, երբ մառախուղ էր։

Նա ասաց․

― Այդ մասին չխոսենք, Հեք։ Խեղճ նեգրը չի կարող բախտ ունենալ։ Ես միշտ մտածել եմ, որ այն բոժոժավոր օձի մաշկը դեռ իր գործը չի տեսել։

― Լավ կլիներ, որ ես օձի մաշկ երբեք տեսած չլինեի, Ջիմ, լավ կլիներ, որ դա աչքովս չընկներ։

― Դա քո մեղքը չէ, Հեք․ դու չգիտեիր։ Դրա համար դու քեզ մի՛ մեղադրիր։

Երբ լուսացավ, ափի մոտ միանգամայն որոշակի երևաց Օհայո գետի վճիտ ջուրը, իսկ դրանից այն կողմ, մեջտեղով հոսում էր Միսսիսիպիի նույն սովորական պղտոր ջուրը։ Կեյրոյի հարցը սպառված էր։

Նորից ծանրութեթև արեցինք այդ հարցը։ Ափ դուրս գալը ցանկալի չէր, իսկ հոսանքին հակառակ լաստը վարել չէինք կարող։ Մնում էր միայն սպասել մինչև մթներ և վերադառնալ մակույկն ու սպասել հարմար առիթների։ Ամբողջ ցերեկը քնեցինք կաղամախու թփուտների մեջ, որպեսզի ուժ հավաքենք, իսկ երբ մութն ընկնելուց հետո վերադարձանք և լաստ բարձրացանք, մայույկը չկար։

Բավական ժամանակ մենք չխոսեցինք․ ոչինչ չկար ասելու։ Երկուսս էլ լավ գիտեինք, որ դա բոժոժավոր օձի մաշկի հերթական գործն է։ Էլ ի՞նչ միտք ուներ այդ մասին խոսելը։ Դա միայն կնշանակեր նոր հանցանք ավելացնել, որը նոր դժբախտություն կբերեր մեզ և կշարունակվեր, մինչև հասկանայինք, թե հարկավոր է լռել։

Շուտով սկսեցինք խոսել, թե ինչ անենք, որ լավ լինի, և գտանք, որ մեզ մնում է միայն լաստով շարունակել ճանապարհը, մինչև կարողանանք մի մակույկ գնել և վերադառնալ։ Մենք մտադիր չէինք մակույկը փոխարինաբար վերցնել, երբ մեր շրջապատում ոչ ոք չլիներ (հայրս այդպես էր անում նման դեպքերում)։ Դա առիթ կլիներ, որ մարդիկ ընկնեն մեր հետևից։

Երբ մթնեց, լաստով շարժվեցինք գետն ի վար։

Եթե մի մարդ կա, որ դեռևս չի հավատում, թե օձի մաշկին ձեռք տալը ինչ հիմարություն է, իմանալով այն բոլորը, ինչ այդ մաշկը բերեց մեր գլխին, անպայման կհավատա, մանավանդ, երբ կարդա հետագայում պատահածը։

Նավակները սովորաբար գնում են ափին մոտ կանգնած լաստերի մոտերքից։ Բայց մենք կանգնած լաստերի չհանդիպեցինք։ Շարունակեցինք մեր ճանապարհը երեք ժամ, եթե ոչ ավելի։ Գետը պարուրված էր գիշերային գորշ, թանձր խավարով, որը մառախուղից հետո ամենավատ բանն է։ Հնարավոր չէր տեսնել ո՛չ գետի ափերը, ո՛չ էլ հեռուն։ Պետք է որ ուշ գիշեր լիներ։ Օդը խաղաղ էր։ Այդ ժամին անսպասելիորեն գետն ի վեր բարձրացավ մի շոգենավ։

Մենք վառեցինք լապտերը, մտածելով, թե մարդիկ կնկատեն։ Ընդհանրապես հոսանքին հակառակ շարժվող նավերը մեզ շատ չէին մոտենում։ Դրանք խույս են տալիս ծանծաղուտներից և հոսանքի դեմ պայքարելու համար գերադասում են խոր տեղերը՝ բարձր ափերի տակ։ Բայց նման գիշերներին ուղիղ շարժվում են հոսանքին հակառակ, գետի մեջտեղով։

Մենք կարողանում էինք լսել նավի փնչոցը, բայց մինչև մեզ մոտենալը չէինք տեսնում։ Նավը ուղղակի գալիս էր մեզ վրա։ Հաճախ են այդպիսի բաներ անում․ ուզում են տեսնել, թե որքան կարող են մոտենալ լաստին՝ առանց դիպչելու։ Երբեմն անիվը դիպչում է մակույկի թիակին, և նավատարը ցցում է գլուխն ու ծիծաղում, կարծելով, թե ինքը շատ ճարպիկ է։ Այդպես էլ մենք ենթադրում էինք․ կգա, կշոշափի մեզ ու կհեռանա։ Բայց թվում էր, թե սա այդ կատակներից չէ։ Դա մի մեծ նավ էր և շտապում էր, ինչպես սև ամպ, շրջապատված լուսատտիկներով։ Նավն իր մեծ, ահարկու զանգվածով հանկարծ խուժեց մեզ վրա։ Հնոցի լայն բաց արած դռները շողում էին, ինչպես շիկացած ատամներ, իսկ հրեշային նավաքիթն ու պատյանները կախված էին ուղիղ մեզ վրա։ Նավից գոռգոռացին, զանգ տվին, որ կանգնեցնեն մոտորները, լսվեց հայհոյանք, շոգու ֆշշոց։ Եվ մինչ Ջիմը լաստի եզրից ջուրը կթռչեր, ես էլ՝ մյուս եզրից, լաստը ճզմելով անցավ նավը։

Ես սուզվեցի ջրի տակ, ջանալով հասնել գետի հատակին, քանի որ երեսուն֊քառասուն ոտնաչափ անիվը վրայովս էր անցնելու։ Այդ խորությունը անհրաժեշտ էր, որպեսզի ինձ չդիպչեր։ Ընդհանրապես ջրի տակ ես մեկ րոպեից ավելի չէի կարողանում մնալ։ Այս անգամ, կարծում եմ, մնացի մեկուկես րոպե։ Բայց շտապ դուրս նետվեցի, որովհետև գրեթե շնչահեղձ էի լինում։ Ջրից դուրս եկա մինչև կուրծքս, փնչացի և ջուրը դուրս փչեցի քթիցս։ Իհարկե, հոսանքն այստեղ անչափ ուժեղ էր, շարժվում էր մռնչյունով։ Նավի մոտորները, տասը վայրկյան կանգնեցնելուց հետո, նորից գործի դրին, որովհետև նրանք շատ չէին մտահոգված լաստի մարդկանց համար։ Այնպես որ այժմ նավը նորից շարունակեց իր ընթացքը գետն ի վեր և արդեն կորավ գիշերային թանձր խավարում, թեև ես դեռ լսում էի նրա ձայնը։

Մի տասն անգամ ես Ջիմին կանչեցի, բայց ոչ մի պատասխան չստացա։ Ստիպված կառչեցի մի հաստ տախտակից, որ դիպչում էր ինձ, երբ ես թպրտում էի ջրում։ Տախտակը պահելով առջևում, լողացի դեպի ափը։ Բայց շուտով նկատեցի, որ հոսանքն ուղղված է դեպի ձախ ափը, և դա նշանակում էր, որ ես ընկել էի ծանծաղուտ։ Փոխեցի ուղղությունս և շարժվեցի այդ կողմը։

Այս ծանծաղուտը թեք էր և երկար, երկու մղոնից ոչ պակաս։ Բավական ժամանակ անցավ, մինչև ազատվեցի։ Ապահով հասա ափ և մագլցեցի դարատափն ի վեր։ Շատ հեռուն տեսնել չէի կարող, բայց կարճ ճանապարհով քառորդ մղոն, կամ գուցե ավելին, քայլեցի խորդուբորդ տեղերով և դեմ առա մի մեծ, հնաոճ, փայտաշեն տան, որը չէի նկատել։ Ուզեցի հեռանալ այդտեղից, բայց շները ոհմակով դուրս թռան, սկսեցին կաղկանձել ու հաչել ինձ վրա։ Գիտեի, որ այդպիսի դեպքերում ավելի լավ է տեղից չշարժվել։


Գլուխ տասնյոթերորդ

Հազիվ մեկ րոպե էր անցել, երբ մեկը առանց գլուխը պատուհանից դուրս հանելու, բղավեց․

― Մի պահ լռե՛ք, տղե՛րք․․․ Ո՞վ է։

Ես պատասխանեցի․

― Ես եմ։

― Ո՞վ է այդ «ես»֊ը։

― Ջորջ Ջեքսոնը, սըր։

― Ի՞նչ ես ուզում։

― Ոչինչ չեմ ուզում, սըր։ Ուզում եմ ճանապարհս շարունակել, բայց շները չեն թողնում։

― Ինչո՞ւ ես թափառում գիշերվա այս ժամին, հը՞։

― Չեմ թափառում, սըր․ շոգենավի տախտակամածից վայր ընկա։

― Ընկե՞լ ես, հա՞։ Մեկնումեկդ լույսը վառեք, տղերք։ Ի՞նչ է քո անունը։

― Ջորջ Ջեքսոն, սըր․ ես փոքր տղա եմ։

― Լսիր, եթե ճիշտ ես ասում, վախենալու կարիք չունես․ ոչ ոք քեզ ձեռք չի տա։ Բայց չփորձես տեղիցդ շարժվել․ կանգնիր և մնա։ Թող մեկն արթնացնի Բոբին ու Թոմին և բերեք հրացանները։ Ջորջ Ջեքսոն, քեզ հետ ուրիշ մարդ կա՞։

― Ոչ, սըր, ոչ ոք։

Ես լսեցի, թե ինչպես տանը մարդիկ էին շարժվում այս ու այն կողմը, և մի լույս նկատեցի։ Ինձ հետ խոսող մարդը կանչեց․

― Այդ լույսը հեռու տար, Բեցի, ծեր հիմար, խելք չունե՞ս։ Դիր հատակին, առջևի դռան հետևը։ Բոբ, եթե դու և Թոմը պատրաստ եք, գրավեցեք ձեր տեղերը։

― Բոլորս էլ պատրաստ ենք։

― Այժմ, Ջորջ Ջեքսոն, ասա․ Շեփերդսոններին ճանաչո՞ւմ ես։

― Ոչ, սըր, նրանց մասին չեմ լսել։

― Լավ, գուցե այդպես է, գուցե ոչ։ Այժմ ամեն ինչ պատրաստ է։ Առաջ եկ, Ջորջ Ջեքսոն։ Չշտապես, դանդաղ արի։ Եթե քեզ հետ ուրիշ մարդ էլ կա, թող ետ մնա․ եթե երևա, կգնդակահարվի։ Դե, մոտեցիր, դանդաղ արի, դուռն այնքան բաց արա, որ կարողանաս սեղմվելով ներս մտնել, լսո՞ւմ ես։

Ես չէի շտապում, չէի էլ կարող շտապել, եթե նույնիսկ ուզենայի։ Դանդաղ, քայլ առ քայլ մոտեցա դռանը։ Ոչ մի ձայն չկար։ Ինձ թվում էր, թե լսում եմ սրտիս բաբախյունը։ Շները լուռ էին, ինչպես իրենց տերերը, բայց մի փոքր հեռվից հետևում էին ինձ։ Երբ հասա փայտե երեք աստիճաններով սանդուղքին, լսեցի, թե ինչպես են բացում փականքը, քաշում նիգը և սողնակը։ Ձեռքս դրեցի դռան վրա, քաշեցի, ապա քիչ էլ, մինչև մեկն ասաց․

― Է՛հ, բավակա՛ն է, գլուխդ նե՛րս մտցրու։

Այդպես էլ արեցի, բայց մտածում էի, թե հիմա վիզս կկտրեն։ Մոմն ամրացված էր հատակին, և բոլորը, կանգնած իմ առաջ, ինձ էին նայում, ես էլ՝ նրանց։ Այդպես անցավ մոտ քառորդ րոպե։ Երեք աժդահա տղամարդ հրացաններն ուղղել էին ինձ վրա։ Վախից կուչ էի եկել։ Դրանցից ամենաավագը մոտ վաթսուն տարեկան ալեհեր մարդ էր, մյուս երկուսը՝ երեսուն տարեկան, գուցե ավելի։ Նրանք բոլորն էլ սքանչելի, գեղեցիկ տղամարդիկ էին։ Այնտեղ էր և ալեխառն մազերով չափազանց համակրելի մի լեդի։ Նրա հետևում կանգնած էին երկու երիտասարդ կանայք, որոնց լավ չէի տեսնում։ Ծերունին ասաց․

― Է՛հ, կարծում եմ, այժմ ամեն ինչ կարգին է։ Նե՛րս արի։

Հենց որ ներս մտա, ծեր ջենտլմենը փակեց դուռը, վրա բերեց սողնակը և երիտասարդ ջենտլմեններին կարգադրեց հրացաններով մտնել սենյակը։ Բոլորն անցան մի մեծ հյուրասենյակ, որի հատակին փռված էր մի նոր կարպետ։ Հավաքվեցին անկյունում, որպեսզի դիմացի պատուհաններից իրենց չտեսնեն, իսկ կողքի պատը պատուհան չուներ։ Նրանք բարձրացրին մոմը, մի լավ նայեցին վերից֊վար և բոլորն ասացին․ «Ոչ, նա Շեփերդսոններից չէ, շեփերդսոնական ոչինչ չունի»։

Ապա ծերունին ասաց, որ հույս ունի, թե ես չեմ նեղանա ինձ խուզարկելու համար․ ուզում են համոզվել, որ զենք չունեմ։ Ասաց, որ դրանով ինքը ոչ մի վնաս տալ չի ուզում։ Նա իմ գրպանները չտնտղեց, միայն դրսից ձեռքով շոշափեց և ասաց, որ ոչինչ չկա։ Նա ասաց, որ ես ինձ հանգիստ զգամ, ինչպես իմ սեփական տանը, և իմ մասին լրիվ տեղեկացնեմ իրենց, բայց ծեր լեդին ասաց․

― Ա՜խ, Սա՛ուլ, այս խեղճ արարածը մինչև ոսկորները թրջվել է և ի՞նչ ես կարծում, քաղցած չի՞ լինի։

― Ճիշտ ես ասում, Ռեչել, մոռացել էի։

Ապա ծեր կինն ասաց․

― Բե՛ցի (Բեցին նեգրուհի էր), շո՛ւտ, թռիր և ուտելու բան բեր այս խեղճ տղայի համար, իսկ ձեզնից մեկը, աղջիկներ, թող արթնացնի Բաքին և ասի, որ․․․ Օ՜, Բաքն արդեն այստեղ է։ Բաք, այս փոքրիկ օտարականին տար, հանիր թաց շորերը և քո չոր շորերից մեկ֊երկուսը հագցրու։

Բաքը մոտավորապես իմ տարիքի տղա էր՝ տասներեք֊տասնչորս տարեկան, թեև հասակով ինձնից փոքր֊ինչ բարձր էր։ Հագին կար միայն շապիկ։ Երևում էր, որ շատ թափթփված տղա է։ Նա քայլեց հորանջելով։ Մի ձեռքով աչքն էր տրորում, մյուս ձեռքով իր հետևից քարշ էր տալիս հրացանը։

― Ուրեմն՝ Շեփերդսոնները չե՞ն։

Պատասխանեցին, որ նրանք չեն, և տագնապը կեղծ էր։

― Լավ, ― ասաց Բաքը, ― եթե նրանցից լինեին, մեկի հաշիվը կփակեի։

Բոլորը ծիծաղեցին։ Բոբն ասաց․

― Ինչպե՞ս կարող էին մեզ բոլորիս մաշկել մինչև քո գալը, Բաք․ այնքա՜ն ուշ եկար։

― Է՛հ, ի՞նչ անեմ․ ոչ ոք ինձ իմաց չի տվել։ Դա սխալ էր։ Միշտ ինձ ճնշում եք․ չեմ կարողանում ինձ ցույց տալ։

― Ոչինչ, Բաք, տղաս, ― ասաց ծերունին, ― քեզ ցույց տալու առիթ կունենաս․ ամեն ինչ՝ իր ժամանակին։ Դրա համար մի՛ վշտանա։ Այժմ գնա և կատարիր մորդ ասածը։

Երբ բարձրացանք վերնահարկը՝ Բաքի սենյակը, նա ինձ իր շորերից տվեց մի կոշտ շապիկ, մի բաճկոն և մի շալվար։ Ես հագա դրանք։ Մինչ հագնում էի, նա անունս հարցրեց, բայց նախքան իմ պատասխանելը, սկսեց պատմել մի կապույտ ճայի ու փոքրիկ ճագարի մասին, որ երկու օր առաջ բռնել էր անտառում։ Հետաքրքրվեց նաև, թե որտեղ էր Մովսեսը, երբ մոմը մարեց։ Ես ասացի, որ չգիտեմ այդ մասին, ոչինչ չեմ լսել։

― Դեհ, գուշակիր, ― ասաց նա։

― Ինչպե՞ս գուշակեմ, երբ այդ մասին ոչինչ չեմ լսել, ― ասացի ես։

― Բայց կարող ես, մի՞թե չես կարող։ Շա՜տ հեշտ բան է։

― Ո՞ր մոմը, ― ասացի ես։

― Որևէ մոմ, ― ասաց նա։

― Չգիտեմ որտեղ էր Մովսեսը․ դո՛ւք ասացեք՝ որտե՞ղ էր, ― պատասխանեցի ես։

― Մթության մեջ։ Ահա թե որտեղ էր։

― Լավ, եթե գիտեիք որտեղ էր, էլ ինչո՞ւ էիք ինձ հարցնում։

― Դե, դա հանելուկ է, չե՞ս հասկանում։ Ասա, որքան ժամանակ ես մնալու այստեղ։ Միշտ էլ մեզ մոտ մնա։ Մենք միասին ուրախ ժամանակ կանցկացնենք․ հիմա դասեր չկան։ Շուն ունե՞ս․ ես մի հատ ունեմ։ Իմ շունը կվազի, կմտնի գետը և դուրս կբերի գցածդ տաշեղը։ Դու սիրո՞ւմ ես կիրակի օրերը սանրվել և նման այլ հիմարություններ։ Ես չեմ սիրում, բայց մայրս ստիպում է։ Կորչի այդ հին շալվարը։ Ես էլ գիտեմ, որ ավելի լավ է հագնեմ, բայց չեմ ուզում, շոգ է։ Այժմ լրիվ պատրաստ ես։ Շատ լավ։ Գնանք, պառա՛վ ձի։

Եգիպտացորենի սառը բլիթ, աղած սառը միս՝ եգիպտացորենով, կարագ, անսեր կաթ ― ահա թե նրանք ինձ ինչ տվեցին ուտելու։ Ավելի համեղ բան կերած չկայի։ Բաքը, իր մայրը և բոլորը ծխում էին կարճ ծխամորճեր, բացի երկու երիտասարդ կանանցից ու նեգրուհուց, որն արդեն գնացել էր։ Բոլորը թե՛ ծխելիս էին խոսում, թե՛ ուտելիս։ Երիտասարդ կանայք փաթաթվել էին վերմակների մեջ, իսկ նրանց մազերը կախվել էին մեջքներից։ Նրանք բոլորն ինձ հարցեր էին տալիս։ Պատմեցի, թե ինչպես հայրս, ես և մեր ամբողջ ընտանիքը ապրում էինք մի փոքրիկ ագարակում, Արքանսոյի մոտ, թե ինչպես իմ փոքր քույրը՝ Մերի Էննը, փախավ տնից ու ամուսնացավ, և այլևս ոչինչ չիմացանք նրա մասին, ինչպես Բիլը գնաց նրանց որոնելու, և նրա մասին էլ ոչինչ չիմացանք, ինչպես Թոմն ու Մորթը մեռան և ոչ ոք չիմացավ, բացի մորիցս ու ինձնից, իսկ հայրս էլ նեղությունից ու վշտից գլուխը կորցրեց։ Երբ մայրս էլ մեռավ, ես վերցրի մեր ունեցած֊չունեցածը և, քանի որ ագարակը մերը չէր, միացա նավի տախտակամածի ուղևորներին։ Գետով բարձրանալիս ընկա գետը։ Ահա թե ինչպես հասա այստեղ։ Իմ այս պատմությունից հետո նրանք ասացին, որ ես կարող եմ մնալ իրենց մոտ, որքան ցանկանամ։ Արդեն սկսել էր լուսանալ, և բոլորը անկողին մտան։ Ես էլ պառկեցի Բաքի հետ։ Առավոտյան երբ արթնացա (ի՜նչ անհարմար բան) մոռացել էի անունս։ Մոտ մի ժամ փորձում էի մտաբերել։ Երբ Բաքն արթնացավ, ասացի․

― Կարող ես հեգել, Բաք։

― Այո, ― պատասխանեց նա։

― Գրազ կգամ, որ չես կարող իմ անունը հեգել, ― առարկեցի ես։

― Ես էլ գրազ կգամ, որ ինչ ասեն կհեգեմ, ― ասաց նա։

― Լավ, ― ուրախացա, ― հեգիր։

― Ջ֊ո֊ր֊ջ Ջ֊ե֊ք֊ս֊ո֊ն, ահա, ― ասաց նա։

― Ճիշտ է, կարող ես, ― ասացի ես, ― բայց չէի կարծում, թե կարող ես։ Դա այնպիսի անուն չէ, որ մարդիկ կարողանան առանց նախապես սովորելու ճիշտ հեգել։

Իմ այդ անվան ուղղագրությունը ծածուկ գրեցի․ գուցե մեկն այնուհետև ցանկանար, որ հեգեմ։ Ուզում էի պատրաստ լինել, որպեսզի արագ հեգեմ, իբր թե վաղուց վարժված եմ դրան։

Սքանչելի ընտանիք էր, ինչպես և սքանչելի տուն։ Ես դեռ գյուղական վայրում չէի տեսել այդպիսի տուն այդքան գեղեցիկ, նորաձև։ Դրսի դռան վրա ո՛չ երկաթե սողնակ կար, ո՛չ էլ փայտե՝ մորթե փոկով։ Կար միայն արույրե բռնակ՝ դուռը բացելու համար․ ճիշտ այնպես, ինչպես քաղաքային տներում։ Հյուրասենյակում մահճակալ չկար, ոչ էլ մահճակալի նման բան էր երևում, թեև քաղաքներում բազմաթիվ հյուրասենյակներում դրված են լինում մահճակալներ։ Կար աղյուսե հատակով մի մեծ օջախ։ Աղյուսները մաքուր պահելու համար դրանց վրա ջուր էին լցնում և աղյուսով քերում, երբեմն էլ քսում կարմիր ջրաներկ, որն անվանում էին «իսպաական դարչնագույն»։ Նույն ձևով մարքում էին և քաղաքում։ Նրանք ունեին արույրե մեծ եռոտանիներ, որոնք գերանների ծանրությանն էլ կդիմանային։ Բուխարու վերևում, ապակու տակ, կար մի մեծ ժամացույց։ Այդ ապակու ներքևի կեսի վրա նկարված էր մի քաղաք, իսկ դրա մեջտեղում կար մի կլոր բացվածք՝ արևի համար։ Կարելի էր տեսնել ետ ու առաջ ճոճվող ճոճանակը։ Հաճելի էր լսել այդ ժամացույցի զարկերը։ Երբեմն, եթե այնտեղ էր գալիս շրջիկ ժամագործը, մաքրում էր ժամացույցը, կարգի բերում, այդ ժամանակ ժամացույցն սկսում էր աշխատել հարյուր հիսուն զարկով։ Տերերը ոչ մի գնով չէին ցանկանում բաժանվել ժամացույցից։

Ժամացույցի աջ և ձախ կողքերին դրված էին մեկական արտառոց թութակ, որ պատրաստել էին կավճանման ինչ֊որ բանից և ներկել խայտաբղետ գույներով։ Թութակներից մեկի կողքին կավե մի կատու կար, մյուսի կողքին դրված էր կավե մի շուն։ Ձեռքով սեղմելիս դրանք ծվում էին՝ առանց բերանները բացելու, անտարբեր։ Ծվոցը գալիս էր տակից։ Այս բոլորի հետևում կար վայրի հնդկահավի թևերից պատրաստած երկու մեծ հովհար։ Սեղանի վրա, սենյակի մեջտեղում, կար կավե գեղեցիկ մի զամբյուղ՝ լցված խնձորով, նարնջով, դեղձով ու խողողով, որոնք ավելի կարմիր, դեղին ու սիրուն էին, քան իսկական մրգերը։ Դրանք բնական չէին, որովհետև քերծված տեղերից երևում էր կավիճը կամ այն նյութը, ինչից պատրաստած էին։

Այս սեղանն ուներ մոմլաթե գեղեցիկ մի սփռոց, որի վրա կարմիր ու կապույտ գույներով նկարված էր թևատարած մի արծիվ և եզրագիծ։ Ինձ ասացին, թե սփռոցը բերել են Ֆիլադելֆիայից։ Սեղանի չորս անկյունում համաչափ քանակով գրքեր էին շարված։ Դրանցից մեկը ընտանեկան նկարազարդ Աստվածաշունչ էր, մյուսը՝ «Ուխտագնացի թափառումներ» գիրքը։ Սա մի մարդու մասին էր, որը լքել էր իր ընտանիքը, բայց թե ինչու, այնտեղ ասված չէր։ Ես շատ անգամ դա ձեռքս առա։ Հետաքրքիր էր գրված, բայց ոչ այնքան հասկանալի։ Մի գիրք էլ կար՝ «Բարեկամության շնորհները»։ Մեջը հետաքրքրաշարժ պատմություններ ու ոտանավորներ կային, բայց թե ես ոտանավորներ չէի կարդում։ Կային նաև Հենրի Քլեյի «Ճառերը» և դոկտոր Գաննի «Տնային բժիշկները»։ Այստեղից կարելի էր իմանալ, թե ինչ պետք է անել, եթե մեկնումեկը հիվանդանում է կամ մեռնում։ Զանազան գրքերի հետ կար մի աղոթագիրք։ Սենյակում դրված էին հյուսկեն աթոռներ։ Շատ ամուր էին և ոչ թե մեջտեղը տոպրակի նման կախ ընկած ու ծակծկված, ինչպես հնացած զամբյուղներ։

Պատերից կախված էին նկարներ, գլխավորապես Վաշինգտոնի և Լաֆայետի[9] տարբեր նկարներ, ճակատամարտերի տեսարաններ և շոտլանդական թագուհի Մարի Ստյուարտի պատկերը։ Նկարներից մեկը կոչվում էր «Անկախության դեկլարացիայի ստորագրումը»։ Մի քանիսը մատիտով նկարել էր նրանց հանգուցյալ դուստրերից մեկը տասնհինգ տարեկան հասակում։ Դրանք տարբերվում էին երբևէ տեսածս նկարներից։ Մեծ մասամբ ավելի սև էին, քան սովորաբար լինում են։ Մեկը ներկայացնում էր նեղ, սև զգեստ հագած մի կին։ Պիրկ գոտին անցնում էր թևերի տակով, թևքերի մեջտեղն ուռած էր ինչպես կաղամբ, գլխին դրված էր սև քողով մի մեծ, գոգավոր թիականման գլխարկ։ Նրա սպիտակ, նուրբ ոտքերին կային սև, նեղ ժապավենով չափազանց փոքր, սև կոշիկներ, որ նման էին դուրի։ Կինն աջ արմունկով խոհուն հենվել էր լացող ուռենու տակ ընկած շիրմաքարի, իսկ ձախ ձեռքը կախված էր մյուս կողմի վրա՝ բռնած մի թաշկինակ և ցանցապարկ։ Նկարի տակ գրված էր․ «Ավա՜ղ, մի՞թե ես այլևս չեմ տեսնի քեզ»։ Մի այլ նկար ներկայացնում էր ինչ֊որ երիտասարդ աղջիկ, մազերն ոմբողջովին սանրած վեր՝ գլխի վրա և հանգուցած ու սանրին դեմ արած, ինչպես աթոռի հենակը։ Աղջիկը լաց էր լինում, թաշկինակը դեմքին բռնած, մյուս ձեռքին մի մեռած թռչուն՝ մեջքին պառկած, ճանկերը վեր ցցած։ Նկարի տակ գրված էր․ «Ես էլ երբեք չեմ լսի քո քաղցրիկ դայլայլը, ավա՜ղ»։ Մի այլ նկարում ինչ֊որ ջահել աղջիկ, կանգնած պատուհանի առաջ, նայում էր լուսնին, և արցունքները գլորվում էին նրա այտերից։ Ձեռքին բաց նամակ կար, որի ծայրին երևում էր սև կնքամոմը։ Նա բերանին սեղմել էր շղթայով մի մեդալիոն։ Նկարի տակ գրված էր․ «Մի՞թե դու այլևս չկաս։ Այո, ավա՜ղ, չկաս»։ Դրանք բոլորը գեղեցիկ նկարներ էին, ընդունում եմ, բայց ես այնքան էլ հրապուրված չէի դրանցով, որովհետև եթե երբևէ մի փոքր տխրում էի, այդ նկարները սաստկացնում էին իմ թախիծը։ Բոլորն էլ շատ ցավում էին այդ աղջկա մահվան համար․ նա մտադիր էր նման շատ նկարներ ստեղծել։ Ամենուրեք կարող էի տեսնել, թե ինչ էր արել հանգուցյալը, և ինչ էին կորցրել նրա հարազատները։ Բայց ինձ թվում էր, թե նա իր խառնվածքով իրեն շատ ավելի ուրախ կզգար գերեզմանում։ Նա, ինչպես ասում էին, աշխատելիս է եղել իր ամենամեծ նկարի վրա, երբ հիվանդացել է, և ամեն օր, ամեն գիշեր աղոթել է, որ իրեն թույլ տրվի ապրել այնքան, մինչև ավարտի այն։ Բայց այդ բախտը նրան չի վիճակվել։ Նկարից նայում էր դեռատի մի կին՝ սպիտակ զգեստ հագած, կամրջի եզրին կանգնած։ Նա պատրաստ էր թռչելու, մազերը թափված էին մեջքին, և նայում էր լուսնին։ Արցունքները գլորվում էին այտերից․ երկու ձեռք կրծքին ծալած, երկու ձեռք առաջ պարզած, երկուսն էլ վեր բարձրացրած՝ հասնում էին լուսնին։ Դրա նպատակն էր տեսնել, թե ո՛ր զույգն ավելի տպավորիչ է, որպեսզի մյուս ձեռքերը ջնջի, բայց, ինչպես ասացի, աղջիկը մեռել էր նախքան որևէ որոշման հանգելը։ Այժմ այդ նկարը կախված էր նրա սենյակում, մահճակալի գլխի կողմի պատին։ Հանգուցյալի ծննդյան յուրաքանչյուր տարեդարձի նկարը զարդարում էին ծաղիկներով։ Մնացած ժամանակ ծածկում էին մի փոքրիկ վարագույրով։ Նկարում այդ ջահել կինն ուներ մի տեսակ անուշիկ, սիրուն դեմք, թևերն այնքան շատ էին, որ նման էր սարդի։

Այս երիտասարդ աղջիկը կենդանության ժամանակ ունեցել է հուշատետր, ուր հավաքել էր «Փրեսբիթերյան օբսերվեր» թերթերից պոկված մահազդեր, պատահարներ, համբերատար տառապանքների մասին գրված հոդվածներ և ապա դրանց շուրջը գրել սեփական ոտանավորներ։ Ահա մի ոտանավոր, գրված Սթիվեն Դաուլինգ Բոթս անունով մի տղայի մասին, որը ընկել էր ջրհորն ու խեղդվել։

Ներբող Ստիվեն Դաուլինգ
Բորսի մահվան առթիվ

Ստիվենը հիվանդացա՞վ,
Մեռա՞վ արդյոք Սթիվենը մեր,
Հեկեկացի՞ն նրա վրա
Հարազատներ, մտերիմներ։

Ոչ, պատանի Դաուլինգ Բոթսի
Վախճանն այլ էր այս աշխարհում․
Տխուր սրտեր հեկեկացին,
Բայց չմեռավ նա անկողնում։

Նա չմեռավ կարմրուկից,
Զոհ չգնաց կապույտ հազին,
Ոչ, դրանք չէ, որ անխնա
Կործանեցին Դաուլինգ Բոթսին։

Այդ պատանու գանգուր գլխին
Չիջավ մերժված սիրո հարված,
Փորացավից էլ չմեռավ
Դաուլինգ Բոթսը՝ այնքան սիրված։

Լսեք՝ մի պահ դադար տալով
Արտասվալի ձեր մորմոքին․
Ընկավ ջրհորը, և սառն երկրից
Երկինք թռավ նրա հոգին։

Դուրս բերեցին, սակայն, ավա՜ղ,
Ուշ էր․ գնաց նա հավիտյան,
Նրա հոգին գիրկը սուրաց
Սիրո, բարու արքայութան։

Եթե Էմմելին Գրենջերֆորդը կարող էր նման ոտանավոր գրել, երբ դեռ տասնչորս տարեկան էլ չկար, ապա ինչպիսի՜ բանաստեղծուհի կդառնար ապագայում։ Բաքն ասում էր, թե բանաստեղծություններ հորինելը նրա համար խաղ ու պար էր։ Երկար֊բարակ չէր մտածում։ Եղբայրն ասում էր, որ երբեմն հորինում էր մի տող և եթե չլիներ դրա հետ հանգավորվող մի այլ տող, ջնջում էր, նոր տող հորինում ու շարունակում։ Նա բծախնդիր չէր նյութի ընտրության հարցում, կարող էր գրել ուզածդ հարցի շուրջը, միայն թե թախծալի լիներ։ Ամեն անգամ, երբ մեկը մեռնում էր, տղամարդ, կին թե երեխա, նա արդեն այնտեղ էր լինում, դեռևս դիակը չսառած։ Նա այդ ոտանավորներն անվանում էր «Պարտք հանգուցյալին»։ Հարևաններն ասում էին, թե առաջինը ներկայանում էր բժիշկը, ապա գալիս էր Էմմելինը և հետո՝ դագաղագործը։

Դագաղագործը միայն մեկ անգամ էր նրան կանխել։ Նա ուշացել էր, որովհետև դժվարացել էր հանգուցյալի անվանը համապատասխան հանգ գտնել․ վերջինիս անունը Ուիսթլեր էր։ Դրանից հետո նա մեկից փոխվել էր։ Երբեք չէր գանգատվել, բայց ավելի ու ավելի հյուծվել էր և շուտով վախճանվել։ Խե՜ղճ արարած, քանի՜ անգամ եմ մտել նրա փոքրիկ սենյակը, վերցրել հնացած ալբոմն ու կարդացել գրածները, երբ նրա նկարները պղտորել են սիրտս, և սկսել եմ բարկանալ հանգուցյալի վրա։

Ես սիրում էի նրանց ընտանիքի բոլոր անդամներին, մեռած թե կենդանի, և չէի ուզում, որ մի անախորժություն պատահեր մեր միջև։ Խեղճ Էմմելինը բանաստեղծություններ էր գրել բոլոր մեռած մարդկանց մասին, և արդարացի չէր այն, որ այժմ, երբ նա այլևս չկար, ոչ ոք նրա մասին չէր գրում։ Փորձեցի մեկ֊երկու ոտանավոր հորինել, բայց երևի դա իմ խելքի բանը չէր։ Նրանք Էմմելինի սենյակը պահում էին կոկիկ ու լավ, և ամեն ինչ դասավորել էին ճիշտ այնպես, ինչպես նրա կենդանության օրերին։ Ոչ ոք այնտեղ չէր քնում։ Պառավ լեդին ինքն էր հոգ տանում սենյակի մասին, թեև նեգրեր շատ կային․ նա այնտեղ հաճախ կար էր անում և Աստվածաշունչը մեծ մասամբ այդ սենյակում էր կարդում։

Ես արդեն պատմել եմ հյուրասենյակի մասին։ Այնտեղ պատուհաններից կախված էին գեղեցիկ վարագույրներ՝ սպիտակ, նկարազարդ։ Նկարներում դղյակների պատերն ի վեր էր բարձրանում բաղեղը։ Ոչ հեռու առջառներն իջնում էին ջուր խմելու։ Այնտեղ դրված էր մի հին, փոքրիկ դաշնամուր՝ վրան թիթեղյա սկավառակներ։ Ինձ համար ոչ մի բան այնքան դուրեկան չէր, որքան դեռատի լեդիների երգը։ Երգում էին «Վերջին կապը խզված է» երգը կամ նվագում «Պրագայի ճակատամարտը»։ Բոլոր սենյակների պատերը ծեփված էին և հատակին մեծ մասամբ փռված էին կապերտներ։ Դրսի կողմից ամբողջ տունը սպիտակեցրած էր։ Տունը երկու մասից էր կազմված։ Դրանց միջև ընկած բաց տարածությունը վերևից ծածկված էր և հատակը լավ պատրաստած։ Ցերեկվա կեսին հաճախ այնտեղ էին ճաշում։ Դա զով, հանգստավետ տեղ էր։ Դրանից ավելի լավ տեղ չէր կարող լինել։ Համեղ ճաշեր էին պատրաստում ու անչափ առատ մատուցում։


Գլուխ տասնութերորդ

Գնդապետ Գրենջերֆորդը ջենտլմեն էր։ Նա ոտքից֊գլուխ ջենտլմեն էր, ինչպես և նրա ընտանիքը։ Նա, ինչպես ասում են, ազնվազարմ անձնավորություն էր, և այդ հատկանիշը նույնքան արժեք ունի մարդու համար, որքան ձիու։ Այրի Դուգլասն էր այդ ասում, և ոչ ոք չէր հերքում, որ նա մեր քաղաքի առաջին ազնվականներից էր։ Հայրս էլ նույն բանն ասում էր իր մասին, թեև իր էությամբ քոսոտ կատու էլ չէր լինի։ Գնդապետ Գրենջերֆորդը շատ բարձրահասակ էր, նիհար, ուներ թուխ, բայց գունատ դեմք, որի ոչ մի մասում կարմրության հետք չկար։ Ամեն առավոտ մաքուր սափրում էր իր ամբողջ բարալիկ դեմքը։ Չափազանց նուրբ շրթունքներ ուներ, մեծ քիթ՝ նեղ անցքերով, խիտ հոնքեր, չափազանց սև աչքեր, այնքան խորը թաղված, որ կարծես մարդկանց նայում էին քարանձավի խորքից։ Ճակատը լայն էր, մազերը՝ ալեխառն, ուղիղ և կախված ուսերին։ Ուներ երկար, բարակ ձեռքեր, հագնում էր մաքուր վերնաշապիկ և ոտքից֊գլուխ՝ քաթանե կոստյում, այնքան սպիտակ, որ նայելիս մարդու աչքերը ցավում էին։ Կիրակի օրերը հագնում էր կապույտ ֆրակ՝ արույրե կոճակներով։ Կրում էր բալատրենու փայտից պատրաստված, արծաթյա գլխիկով գավազան։ Թեթևսոլիկության ոչ մի նշան, նույնիսկ ամենաչնչին չափով։ Երբեք բարձրաձայն չէր խոսում։ Բարի էր այնքան, որ հնարավոր չէ ասել։ Դա կարելի էր անմիջապես զգալ, և մարդիկ վստահություն էին տածում նրա նկատմամբ։ Երբեմն ժպտում էր, և հաճելի էր տեսնել նրա ժպիտը, բայց երբ ուղղում էր մարմինը, ինչպես ազատության դրոշաձող և կայծակն սկսում էր փայլատակել նրա հոնքերի տակից, մարդիկ կցանկանային նախ մագլցել ծառը, հետո պարզել, թե բանն ինչ է։ Երբեք ստիպված չէր լինում որևէ մեկին ասելու, թե պետք է պատշաճ վարք ունենալ, որովհետև նրա ներկայությամբ բոլորն էլ իրենց լավ էին պահում։ Բայց և նրա ներկայությունը ցանկալի էր բոլորի համար։ Նա միշտ էլ կարծես արևի շող էր․ լավ եղանակի տպավորություն էր թողնում։ Երբ խոժոռվում էր, կես րոպե սարսափելի մթնում էր, և դա բավական էր, որպեսզի մեկ շաբաթ ամեն ինչ խաղաղ ընթանար։

Երբ առավոտյան նա ու ծեր լեդին ներքև էին իջնում, ամբողջ ընտանիքը աթոռներից վեր էր կենում, բարի լույս մաղթում և չէր նստում, մինչև նրանք նստեին։ Ապա Թոմն ու Բոբը մոտնենում էին կողքի դարակին, որտեղ ջրամանն էր դրված լինում, մի բաժակ դառն օղի էին պատրաստում, մատուցում նրան։ Նա բաժակը բռնած այնքան էր սպասում, մինչև Թոմն ու Բոբը լցնեին իրենց և խոնարհվելով ասեին․ «Ձեր կենացը, տեր և տիկին»։ Նրանք մի փոքր խոնարհվում էին, շնորհակալություն հայտնում և ապա խմում։ Բոբն ու Թոմը մեկակական գդալ ջուր էին լցնում իրենց բաժակների մեջ, մի քիչ վիսկի կամ խնձորօղի շաքարի վրա, տալիս ինձ ու Բաքին, մենք էլ մեր կողմից խմում էինք ծերերի կենացը։

Անդրանիկ որդին Բոբն էր, Թոմը նրանից փոքր էր։ Երկուսն էլ բարձրահասակ, գեղեցիկ տղամարդիկ էին, լայնաթիկունք, թխադեմ, երկար, սև մազերով և սև աչքերով։ Նրանք ոտից֊գլուխ հագնում էին սպիտակ քաթան, ինչպես ծեր ջենտլմենը, գլխներին դնում լայնեզր գլխարկներ։

Կար և միսս Շառլոտը՝ քսանհիգամյա բարձրահասակ, հպարտ, վեհատեսիլ մի աղջիկ, բայց անչափ բարի, երբ չէին վրդովում նրան։ Երբ հուզվում էր, այնպիսի տեսք էր ստանում, որ մարդկանց թառամեցնում էր, ինչպես հայրը։ Գեղեցի՜կ էր։

Նույնը կարելի էր ասել և նրա քույր միսս Սոֆիայի մասին, միայն որոշ տարբերությամբ։ Սա մեղմ էր և քաղցրաբարո, ինչպես աղավնի։ Ընդամենը քսան տարեկան էր։

Ահա բոլորը, ինչ մնացել էր այդ ընտանիքից։ Բայց նրանք ավելի շատ են եղել․ երեք որդի սպանվել էին, իսկ Էմմելինը մեռել։

Ծերունի ջենտլմենն ուներ բազմաթիվ ագարակներ և ավելի քան հարյուր նեգր։ Շրջակայքից, տասը, տասնհինգ մղոն հեռավորությունից, մարդիկ, ձիեր հեծած՝ խմբերով այցելում էին այս տունը և մնում հինգ֊վեց օր, ցերեկը ուտում, խմում, զբոսնում գետի վրա, անտառում խնջույքներ սարքում, խաղում, իսկ երեկոյան տանը պարահանդեսներ կազմակերպում։ Այդ մարդիկ մեծ մասամբ ընտանիքի ազգականներն էին լինում։ Տղամարդիկ հետները բերում էին իրենց հրացանները։ Կարելի է ասել, բոլորն էլ վայելուչ, գեղեցիկ մարդիկ էին։

Նրանց շրջակայքում կար ազնվական մի այլ տոհմ ― հինգ֊վեց ընտանիք ― մեծ մասամբ Շեփերդսոն ազգանունով։ Նրանք նույնքան բարձրաստիճան, ազնվազարմ, հարուստ ու պատվարժան էին, որքան Գրենջերֆորդների տոհմը։ Շեփերդստոնները և Գրենջերֆորդները ցամաք էին դուրս գալիս նույն նավակայանում, որը մեր տնից երկու մղոն վերև էր։ Եվ երբ ես երբեմն այնտեղ էի գնում յուրայինների հետ, տեսնում էի Շեփերդսոններին՝ իրենց սքանչելի ձիերը հեծած։

Մի օր Բաքն ու ես գնացինք անտառ որսի։ Հանկարծ լսեցինք ձիու դոփյուն։ Ուզում էինք կտրել֊անցնել ճանապարհը, երբ Բաքն ասաց․

― Շո՛ւտ, փախի՛ր անտառ։

Թաքնվեցինք անտառում։ Ես գաղտագողի նայում էի սաղարթների արանքից։ Շուտով ճանապարհին երևաց փառահեղ մի երիտասարդ, զինվորականի տեսքով։ Ձիով սլանում էր, սանձը թույլ թողած։ Նա հրացանը կապել էր թամբագնդից։ Ես նրան մինչ այդ տեսել էի։ Դա Հարնի Շեփերդսոնն էր։ Շուտով լսեցի Բաքի հրացանի ձայնը, որ նա կրակեց ականջիս տակ, և Հարնիի գլխարկը գլխից վայր ընկավ։ Հարնին ձեռքը գցեց հրացանին, և ձին ուղիղ քշեց այն կողմը, ուր մենք թաքնվել էինք։ Բայց մենք այնտեղ չսպասեցինք։ Վազելով հեռացանք անտառով։ Անտառը խիտ չէր, և ես ուսերիս վրայով ետ էի նայում՝ գնդակից խույս տալու համար։ Երկու անգամ տեսա Հարնիին՝ հրացանը Բաքին ուղղած։ Ապա նա շուռ եկավ դեպի իր եկած ճանապարհը, իմ կարծիքով, գլխարկը վերցնելու, բայց ես նրան տեսնել չէի կարող։ Մենք այլևս կանգ չառանք, մինչև հասանք տուն։ Ծերունի ջենտլմենի աչքերը մի պահ ցոլացին, երևի ուրախությունից, ապա նա վերականգնեց դեմքի խաղաղ արտահայտությունն ու մի տեսակ մեղմ եղանակով ասաց․

― Ես չեմ սիրում, երբ մարդիկ թաքնվում են մացառի հետևում ու կրակում, ինչո՞ւ դու դուրս չեկար ճանապարհի վրա, տղաս։

― Շեփերդսոնները այդպես չեն անում, հայր։ Նրանք միշտ օգտվում են հարմար դիրքից։

Միսս Շառլոտը, ինչպես թագուհի, գլուխը բարձրացրեց, երբ Բաքը ռունգերը լայնացրած, զայրույթը աչքերում՝ պատմում էր այդ դեպքը։ Երկու երիտասարդներն էլ մռայլվել էին, բայց ոչինչ չասացին։ Միսս Սոֆիան գունատվել էր, բայց նրա դեմքը պայծառացավ, երբ իմացավ, որ Հարնին չի վնասվել։

Այնուհետև, երբ կարողացա Բաքին դուրս բերել ծառի տակ, մսուրի մոտ, և մենք մենակ էինք, հարցրի․

― Իսկապե՞ս ուզում էիր նրան սպանել, Բաք։

― Երդվում եմ, որ այո։

― Իսկ ի՞նչ է արել նա քեզ։

― Նա՞։ Ինձ երբեք ոչինչ չի արել։

― Լավ, ուրեմն, ինչո՞ւ էիր ուզում սպանել։

― Հենց այնպես, միայն տոհմական վրեժից դրդված։

― Տոհմական վրեժն ի՞նչ բան է։

― Վա՛հ, ո՞րտեղ ես մեծացել։ Չգիտե՞ս, թե ինչ է տոհմական վրեժ։

― Ես ոչինչ չեմ լսել այդ մասին, պատմիր․ ի՞նչ բան է դա։

― Լավ, ― ասաց Բաքը, ― տոհմական վրեժն սկսվում է այսպես։ Մեկը կռվում է մի ուրիշի հետ և սպանում նրան, սպանվողի եղբայրը սպանում է սպանողին, ապա մյուս եղբայրները կամ երկու կողմն էլ գալիս են իրար դեմ։ Այնուհետև մեջտեղ են գալիս հորեղբոր որդիները, քեռորդիները, ժամանակի ընթացքում բոլորն սպանվում են, և տոհմական վրեժն ավարտվում է։ Բայց դա դանդաղ է կատարվում և երկար տևում։

― Իսկ ձեր այդ թշնամանքը վաղո՞ւց է սկսվել, Բաք։

― Է՛հ, կարծում եմ։ Պետք է որ սկսված լինի երեսուն տարի առաջ կամ մոտավորապես այդքան։ Ինչ֊որ վեճ է առաջանում մի բանի շուրջ, ապա դատ՝ հարցը լուծելու համար։ Տանուլ տվողը սպանում է շահողներից մեկին, և բնական է, որ այդպես էլ պիտի լիներ, ով ասեք այդպես կվարվեր, իհարկե։

― Վեճը ինչի՞ համար է եղել, Բաք, հողի՞։

― Կարծում եմ․ հաստատ չգիտեմ։

― Լավ, ո՞ր կողմն է առաջինը կատարել սպանությունը, Գրենջերֆորդների՞ց, թե՞ Շեփերդսոններից մեկը։

― Էհ, ի՞նչ իմանամ։ Դա շատ վաղուց է եղել։

― Ոչ ոք չգիտե՞։

― Կարծում եմ, հարյս գիտե, ինչպես և մեծերից մի քանիսը, բայց նրանք չգիտեն, թե ամենից առաջ ինչպես է սկսվել վեճը։

― Շա՞տ մարդիկ են սպանվել, Բաք։

― Այո, միշտ մեկին թաղում են։ Բայց միշտ չէ, որ սպանվում են։ Հորս մարմնի մեջ մի քանի գնդակ կա․ նա դրան ուշադրություն չի դարձնում, չի մտահոգվում։ Բոբը գնդակի մի քանի հարված է ստացել, Թոմը նույնպես մեկ֊երկու անգամ վիրավորվել է։

― Այս տարի որևէ մեկը սպանվե՞լ է, Բաք։

― Այո, մեկը մեզնից, մեկն էլ նրանցից։ Մոտ երեք ամիս առաջ իմ հորեղբորորդի Բադը՝ տասնչորս տարեկան մի տղա, ձիով անցնում էր անտառով, գետի մյուս ափը։ Անզեն է լինում, մի բան, որ մեղադրելի հիմարություն է։ Ամայի տեղում իր հետևից լսում է ձիու դոփյուն, ապա տեսնում է ծերուկ, ճաղատ Շեփերդսոնին իր հետևից արշավելիս՝ հրացանը ձեռքին, սպիտակ մազերը քամուն տված։ Փոխանակ փախչելու, թաքնվելու թփերի հետևը, մտածում է, որ ծերուկը երբեք չի հասնի իրեն, և նրանք այդպես սլանում են հինգ թե վեց մղոն։ Ծերունին անընդհատ մոտենում է, մինչև վերջապես Բադը տեսնելով, որ ճար չկա, կանգ է առնում ու դեմքը դարձնում ծերունուն, որպեսզի գնդակը դիմացից գա։ Եվ ծերուկը ձին քշում է մոտ ու գնդակահարում նրան։ Բայց նա հաջողությունը վայելելու շատ ժամանակ չունեցավ․ մի շաբաթ չանցած մերոնք նրա հաշիվը մաքրեցին։

― Իմ կարծիքով այդ ծերուկը վախկոտն է եղել, Բաք։

― Իսկ իմ կարծիքով՝ ոչ։ Այդ չի երևում։ Շեփերդսոնների մեջ վախկոտ չկա, ոչ մեկը։ Գրենջերֆորդների մեջ էլ չկա։ Հենց այդ ծերունին մի անգամ կես ժամ պատվով կռվել է երեք Գրենջերդֆորդների դեմ և հաղթող դուրս եկել։ Նրանք բոլորը ձիերով են եղել։ Նա իջել է ձիուց ու նստել փայտի կույտի հետևում, ձին պահելով առջևում, գնդակներից պաշտպանվելու համար։ Բայց Գրենջերֆորդները մնացել են իրենց ձիերի վրա, ինքն էլ՝ նրանց վրա։ Նա և իր ձին տուն են հասել արնաշաղախ վիճակում, կաղալով, բայց Գրենջերֆորդներին ուրիշներն են տուն բերել, մեկը մեռած, իսկ երկրորդն էլ մեռել է հաջորդ օրը։ Ոչ, սըր։ Եթե մեկը վախկոտներ է որոնում, ապա զուր տեղը թող ժամանակ չկորցնի Շեփերդսոնների մոտ, որովհետև նրանք վախկոտներ չեն ծնում։

Հաջորդ կիրակի բոլորս գնացինք եկեղեցի, երեք մղոն հեռավորության վրա։ Բոլորը ձի էին հեծնել։ Տղամարդիկ իրենց հետ վերցրել էին հրացաններ, Բաքը նույնպես։ Նրանք հրացանները պահում էին ծնկների միջև կամ հենում կողքի պատին, որպեսզի պատրաստ լինեն։

Նույնը արել էին և Շեփերդսոնները։ Քարոզը շատ սովորական էր, ամբողջովին եղբայրական սիրո և նման ձանձրալի բաների մասին։ Բայց բոլորն ասում էին, թե լավ քարոզ է և նրանք տուն գնալիս շատ բան ունեին ասելու հավատքի, բարի գործերի, ամենքին հավասարապես տրվող աստծո շնորհի, նախախնամության մասին և չգիտես էլ ինչ։ Այնպես որ ինձ թվում էր, թե դա իմ կյաքի ամենաայլանդակ կիրակին է։

Ճաշից մեկ ժամ հետո բոլորը մրափում էին, ոմանք իրենց աթոռների վրա, ոմանք սենյակներում։ Շատ էր ձանձրալի։ Բաքն ու շունը տարածվել էին կանաչ խոտի վրա, արևի տակ ու խորը քնել։ Ես գնացի մեր սենյակը, որ մի քիչ քնեմ։ Տեսա անուշիկ միսս Սոֆիային մեր սենյակի կողքին, իր դռան շեմքին կանգնած։ Նա ինձ տարավ իր սենյակը, կամացուկ փակեց դուռն ու հարցրեց, թե ես սիրո՞ւմ եմ իրեն։ Ես ասացի՝ այո, և ապա հարցրեց, թե կարո՞ղ եմ իր համար մի բան անել և այդ մասին ոչ ոքի չասել։ Ասացի, որ կարող եմ։ Այնուհետև ասաց, որ ինքը կտակարանը մոռացել է եկեղեցում իր նստարանի վրա, երկու գրքերի կողքին։ Խնդրեց, որ սուսուփուս գնամ բերեմ և ոչ ոքի չասեմ։ Խոստացա գնալ։ Լուռ դուրս թռա տնից ու վազեցի եկեղեցի։ Եկեղեցում ոչ ոք չկար, բացի մեկ֊երկու խոզից, որովհետև դուռը կողպեք չուներ, իսկ խոզերը ամռանը սիրում են նուրբ տախտակե հատակ, որովհետև այնտեղ զով է լինում։ Եթե նկատել եք, շատ մարդիկ եկեղեցի են գնում միայն ըստ անհրաժեշտության, բայց խոզերի գնալն ուրիշ է։

Ես ինքս ինձ ասացի, որ այստեղ մի բան կա։ Բնական չէ, որ մի աղջիկ այսքան անհանգստանա Կտակարանի համար։ Ուստի Կտակարանը թափ տվեցի և միջից մի թուղթ ընկավ։ Վրան մատիտով գրված էր․ «Ժամը երկուսն անց կեսին»։ Ես երկար փնտրեցի, բայց ուրիշ ոչինչ չգտա, բայց քանի որ դրանից ոչինչ չկարողացա հասկանալ, թուղթը նորից դրեցի գրքի մեջ։ Երբ հասա տուն և բարձրացա վերևի հարկը, միսս Սոֆիան, դեռևս կանգնած էր դռան շեմքին և ինձ էր սպասում։ Նա ինձ ներս քաշեց ու դուռը փակեց։ Ապա թերթեց կտակարանը, թուղթը գտավ, կարդաց։ Դեմքն անմիջապես պայծառացավ։ Ժամանակ չտալով մտածեու, գրկեց ինձ ու սեղմեց իր կրծքին, ասելով, որ ես աշխարհի ամենալավ տղան եմ, շառագունեց, աչքերը փայլեցին և նա զարմանալիորեն գեղեցկացավ։ Ես մի տեսակ ապշել էի։ Երբ շունչս տեղը եկավ, հարցրի, թե ինչ թուղթ էր այդ։ Նա հարցրեց․ մի՞թե չես կարդացել։ Ասացի որ ոչ, կարդում եմ միայն տպագիր տառեր։ Այնուհետև ասաց, որ այդ թուղթը իրենից ոչ մի բան չի ներկայացնում, միայն կարդացած էջը չկորցնելու համար է։ Այժմ ես կարող եմ գնալ խաղալու։

Գնացի գետափ, շարունակ մտածելով կատարվածի մասին։ Շուտով նկատեցի, որ իմ նեգրը հետևում է ինձ։ Երբ այնքան էինք հեռացել, որ այլևս տունը չէր երևում, նա մի վայրկյան նայեց ետ, իր շուրջը և ապա, վազելով ինձ մոտ, ասաց․

― Միստր Ջորջ, եթե գաք ինձ հետ մորուտը, ես ձեզ ցույց կտամ ջրային Մոքքասինների[10] մի ամբողջ վտառ։

Իմ կարծիքով, դա տարօրինակ առաջարկություն էր։ Նույն բանը նա ասել էր նաև երեկ։ Պետք է իմանար, որ ոչ բոլոր մարդիկ կարող են հետաքրքրվել մոքքասիններով, վազվզել դրանց հետևից։ Բայց հետաքրքիր էր իմանալ, թե ինչ նրա նպատակը։ Ուստի ասացի․

― Շատ լավ, առաջ անցիր։

Ես հետևեցի նրան մոտ կես մղոն։ Նա մտավ ճահիճը, անցավ ևս կես մղոն՝ մինչև կոճերը ջրի մեջ։ Մենք հասանք մի կղզյակ, որը հարթ, չոր տեղ էր, ծածկված խիտ աճած ծառերով, թփերով ու բաղեղով։ Նա այստեղ ասաց․

― Դուք անցեք առաջ, ընդամենը մի քանի քայլ է, միստր Ջորջ, հենց այստեղ են մոքքասինները լինում, ես այդտեղ եմ հանդիպել և հիմա այնքան էլ չեմ ուզում տեսնել։

Շուռ եկավ, հեռացավ և անմիջապես անհետացավ ծառերի հետևում։ Ես առաջ մղվեցի և դուրս եկա ննջասենյակի մեծության մի բաց տեղ, բոլոր կողմերից շրջապատված բաղեղով։ Այդտեղ գտա մի քնած մարդու, և ի՜նչ․ դա իմ Ջիմն էր։

Արթնացրի։ Կարծում էի, թե նա երբ ինձ նորից տեսնի, շատ կզարմանա, բայց այդպես չեղավ։ Նա ուրախությունից գրեթե արտասվեց, բայց զարմացած չէր։ Նա պատմեց, թե այն գիշերը լողալով հետևել է ինձ և ամեն անգամ լսել իմ կանչը, բայց չի պատասխանել․ չի ուզել, որ բռնեն ու նորից վաճառեն ստրկության։

― Ես մի փոքր վնասվել էի, ― ասաց նա, ― և արագ լող տալ չէի կարող, դրա համար էլ բավական ետ ընկա։ Երբ դու ափ դուրս եկար, հույս ունեի, թե կհասնեմ քեզ առանց բղավելու, բայց երբ տեսա այդ տունը, լողալը դանդաղեցրի։ Արդեն շատ հեռու էի և չէի կարող լսել, թե ինչ են ասում քեզ․ վախենում էի շներից։ Բայց երբ ամեն ինչ խաղաղվեց, հասկացա, որ այդ տանն ես։ Եվ մտա անտառ, սպասեցի լուսանալուն։ Վաղ առավոտյան մի քանի նեգր տեսա, որոնք դաշտ էին գնում աշխատելու։ Նրանք ինձ բերեցին այստեղ, ուր շները չեն կարող իմ հետքը գտնել, որովհետև շրջապատված եմ ջրով։ Նրանք ամեն գիշեր ինձ ուտելու բան էին բերում և պատմում, թե ինչպես ես դու ապրում։

― Ինչո՞ւ իմ Ջեքին ավելի շուտ չասացիր, որ ինձ այստեղ բերի, Ջիմ։

― Դե, միտք չուներ քեզ անհանգստացնել, Հեք և հույս էլ չունեի, թե մենք կարող ենք մի բան անել, բայց այժմ ամեն ինչ կարգին է։ Երբ հնարավոր է եղել, ես գնել եմ ամաններ, տապակ և այլ բաներ, իսկ գիշերը լաստն եմ նորոգել, երբ․․․

― Ի՞նչ լաստ, Ջիմ։

― Մեր հին լաստը։

― Մի՞թե մեր լաստը ջարդուփշուր չեղավ։

― Ոչ։ Ճիշտ է, բավական քանդվել էր, հատկապես օղակը։ Բայց վնասը շատ մեծ չէր։ Միայն մեր իրերն էին ջուրն ընկել, համարյա բոլորը։ Եթե շատ խորը չսուզվեինք, հեռու չլողայինք, գիշերն այդքան մութ չլիներ, մենք էլ վախեցած չլինեինք, այդ աստիճան դդումգլուխ չլինեինք, ինչպես ասում են, կտեսնեինք լաստը։ Բայց ոչինչ, արդեն լրիվ կարգի է բերված և նույնքան լավ է, որքան նոր լաստը, բավական էլ նոր իրեր եմ հավաքել կորցրածի փոխարեն։

― Բայց ինչպե՞ս նորից ձեռք գցեցիր լաստը, Ջիմ, լողալի՞ս բռնեցիր։

― Ինչպե՞ս կարող էի բռնել, երբ ես անտառում էի։ Ոչ, այստեղից մի փոքր հեռու դեմ էր առել ջրասույզ մի ծառի, ինչ֊որ նեգրեր գտել էին ու թաքցրել ուռենիների մի խորշիկում, ուր թափվում է գետակը։ Հետո այդ նեգրերը լաստի համար այնպիսի աղմուկ բարձրացրին, որ ձայնն ինձ հասավ։ Ես վերջ տվի նրանց վեճին, ասելով, որ դա նրանցից ոչ մեկին չի պատկանում․ դա քոնն ու իմն է և հարցրի, թե իրենք ուզո՞ւմ են մի սպիտակ ջենտլմենի սեփականությունը զավթել, ընկնել փորձանքի մեջ։ Ես նրանցից ամեն մեկին տասը ցենտ տվեցի, և նրանք անչափ գոհ մնացին։ Ուզում էին, որ ուրիշ լաստեր էլ այդպես գան իրենց կողմերը, իրենց հարստացնեն։ Այդ նեգրերը շատ բարի էին իմ հադեպ, և ինչ֊որ ուզում էի, կարիք չէի ունենում երկրորդ անգամ ասելու, որդիս։ Այդ Ջեքը լավ նեգր է և բավական խելացի։

― Այո, ճիշտ է։ Նա երբեք ինձ չի ասել, որ դու այստեղ ես։ Նա ինձ ասաց, որ գամ այստեղ, և ինքը ինձ ցույց կտա ջրային մոքքասիններ։ Եթե մի բան պատահի, նա մեղք չունի, հասկանո՞ւմ ես։

― Չեմ ուզում հաջորդ օրվա մասին խոսել, ուզում եմ կարճ կապել։ Արթնացա, երբ լույսը բացվել էր, և ուզում էի շուռ գալ մյուս կողքիս վրա ու նորից քնել, երբ զգացի, թե որքան խաղաղ է տունը։ Թվում էր, թե ոչ ոք չի շարժվում։ Դա արտասովոր բան էր։ Այնուհետև նկատեցի, որ Բաքը վեր կացավ ու դուրս գնաց։ Ես էլ զարմացած՝ վեր կացա ու գնացի ներքև։ Ոչ ոք չկար։ Ամեն ինչ նույնքան խաղաղ էր, որքան մուկը իր բնում։ Դուրսը նույնպես խաղաղ էր։ Սկսեցի մտածել, թե դա ինչ է նշանակում։ Ներքևում փայտի կույտի մոտ հանդիպեցի իմ Ջեքին ու հարցրի․

― Ի՞նչ է պատահել։

Նա թե՝

― Չգիտե՞ք, միստր Ջորջ։

― Ոչ, չգիտեմ, ― պատասխանեցի ես։

― Միսս Սոֆիան փախել է, իսկապես փախել է։ Գիշերն է գնացել, թե ո՛ր ժամին, ոչ ոք չգիտե։ Փախել է, որ ամուսնանա երիտասարդ Հարնի Շեփերդսոնի հետ։ Գոնե այդպես են մտածում բոլորը։ Ընտանիքի անդամներն այդ բանը հայտնաբերեցին մոտ կես ժամ առաջ, գուցե մի քիչ ավելի շուտ։ Ժամանակ չկար կորցնելու։ Այնպես շտապ վազեցին դեպի հրացանները և ձիերը, որ նման բան ոչ ոք չէր տեսել։ Կանայք գնացին ազգականներին արթնացնելու, իսկ ծերունի միստր Սաուլն ու որդիները վերցրին հրացանները և սլացան դեպի գետը տանող ճանապարհը, որպեսզի բռնեն այդ երիտասարդ Շեփերդսոնին ու սպանեն։ Այլապես նա կարող է միսս Սոֆիայի հետ գետն անցնել։ Աղմուկը շատ մեծ կլինի։

― Բաքը գնաց առանց ինձ արթնացնելո՞ւ։

― Այո, չարթնացրեց։ Նրանք չէին ուզում ձեզ այդ գործին խառնել։ Միստր Բաքը լցրեց հրացանը և ասաց, որ ինքը տրաքի էլ, Շեփերդսոններից մեկի հաշիվը կփակի։ Կարծում եմ, որ նրանց թիվը այնտեղ մեծ է։ Եթե առիթ լինի, Բաքը մեկին կսպանի։

Ես կարողացածիս չափ արագ քայլեցի դեպի գետը։ Շուտով լսեցի հրացանային հեռավոր կրակոց։ Երբ երևաց անտառանյութի պահեստը և փայտի դեզը, որտեղ կանգ են առնում շոգենավերը, սկսեցի շարժվել ծառերի ու թփերի տակով, մինչև հասա մի լավ տեղ։ Տեսա մի կաղամախի։ Մագլցելով բարձրացա, թաքնվեցի ճյուղերի մեջ ու սկսեցի դիտել։ Այնքան հեռու էի, որ գնդակն ինձ չէր հասնի։ Կար փայտի չորս ոտնաչափ բարձրությամբ մի կույտ, ծառից քիչ առաջ, և սկզբում ուզում էի դրա հետևում թաքնվել, բայց գուցե իմ բախտից էր, որ այդպես չարեցի։

Փայտի պահեստի առաջ, բաց տարածության վրա, ձիերը հեծած շրջում էին չորս֊հինգ մարդ, հայհոյում, գոռգոռում և աշխատում բռնել երկու ջահել տղաներին, որոնք նավակայանի դիմաց շարված փայտերի հետևում էին։ Չէին կարողանում։ Հենց որ այդ ձիավորներից մեկնումեկը երևում էր գետափին, կրակում էին նրա վրա։ Երկու տղաները մեջք֊մեջքի տված՝ կուչ էին եկել փայտի հետևը և երկու կողմերի վրա էլ կարող էին հսկել։

Շուտով մարդիկ այս ու այն կողմ նետվելուց ու բղավելուց դադարեցին։ Նրանք ձիերը քշեցին փայտի պահեստի կողմը։ Տղաներից մեկը վեր կացավ, փայտի շարվածքի վրայից նշան բռնեց և վայր գցեց ձիավորներից մեկին։ Մյուսները ցած թռան ձիերից, վերցրին վիրավորին ու տարան դեպի պահեստը։ Այդ ժամանակ երկու տղաները փախան։ Մինչև իմ ծառը, ճանապարհի կեսը, եկել էին, երբ նրանց նկատեցին։ Տեսնելով տղաներին, բոլորը թռան իրենց ձիերի վրա և սկսեցին հետապնդել։ Գրեթե հասնում էին տղաներին, բայց ի՞նչ օգուտ․ տղաները լավ էին վազում։ Նրանք հասան փայտի դեզին, որը իմ ծառի դիմացն էր։ Թաքնվեցին դրա հետևում, չնայած առավելություն ունեին նրանց նկատմամբ։ Այդ տղաներից մեկը Բաքն էր, մյուսը՝ Ալիմը, մոտ տասնինը տարեկան մի տղա։

Ձիավորները որոշ ժամանակ շրջեցին այս ու այն կողմ և ապա քշեցին ձիերը, գնացին։ Երբ նրանք այլևս չէին երևում, ես ձայն տվեցի Բաքին և պատմեցի այդ մասին։ Նա սկզբում, երբ լսեց իմ ձայնը, որ գալիս էր ծառի վրայից, չգիտեր ինչ անել, և չափազանց զարմացել էր։ Նա ասաց ինձ, որ ուշադիր նայեմ և հայտնեմ իրեն, երբ այդ մարդիկ նորից երևան։ Իհարկե, նրանք որոշ սատանություն մտածում էին և երկար ժամանակով չէին գնացել։ Լավ կլիներ, որ հեռացած լինեի ծառից, բայց չիջա։ Բաքն սկսեց լաց լինել ու գոռալ և ասելով, որ ինքն ու իր հորեղբոր որդի Ջոնը (վերջինս մյուս երիտասարդն էր) այդ օրվա համար դեռ կհատուցեն, ասաց, որ իր հայրը և երկու եղբայրներն սպանվել են, իսկ թշնամիների կողմից սպանվել են ընդամենը երկու֊երեք հոգի, որ Շեփերդսոնները նրանց համար դարան են պատրաստել։ Նա ասաց, որ հայրը և եղբայրները պետք է սպասեին ազգականների գալուն։ Շեփերդսոնները շատ ուժեղ էին և մենակ չէր կարելի դուրս գալ նրանց դեմ։ Ես հարցրի, թե ի՛նչ եղան երիտասարդ Հարնին և միսս Սոֆիան։ Ասաց, որ նրանք գետն անցել են և ապահով են։ Ես ուրախ էի դրա համար։ Բայց որքա՜ն զայրացած էր Բաքը, որ այն օրը անտառում չէր հաջողվել Հարնիին սպանել․ ես նման բան երբեք չէի լսել։

Հանկարծ բո՜ւմ, բո՜ւմ, բո՜ւմ, լսվեց երեք թե չորս կրակոց։ Շեփերդսոններն առանց ձիերի դուրս էին սողոսկել անտառից և թիկունքից մոտեցել տղաներին։ Տղաները նետվեցին գետը՝ երկուսն էլ վիրավորված։ Մինչ սրանք օրորվելով իջնում էին հոսանքն ի վար, այդ մարդիկ վազեցին գետափ։ Կրակում ու բղավում էին․ «Սպանեցե՛ք դրանց, սպանեցե՛ք դրանց»։ Դա այնպես վատ ազդեց ինձ վրա, որ քիչ էր մնում ծառից ցած գլորվեի։

Մտադիր չեմ պատմելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Եթե այդպիսի բան անեմ, նորից հիվանդանալու չափ կզարհուրեմ։ Լավ կլիներ, որ այդ գիշեր ես բոլորովին գետափ չգայի և չտեսնեի այդ բաները։ Մինչև այժմ աչքերիս առջևից չեն հեռանում այդ տեսարանները։ Քանի՜ անգամ եմ դրանք տեսել երազում։

Ես ծառի վրա այնքան մնացի, մինչև մթնեց․ վախենում էի իջնել։ Երբեմն լսում էի հեռավոր անտառից եկող կրակոցներ և երկու անգամ տեսա մարդկանց փոքր խմբեր, որոնք հրացաններն ուսներին, ձիերը քարատրոփ քշելով անցան փայտի պահեստի մոտով։ Եզրակացրի, որ արյունահեղությունը դեռ շարունակվում է։ Հոգեպես անչափ ընկճված էի և որոշեցի այլևս չանցնել այդ տան մոտով։ Զգում էի, որ որոշ չափով մեղավոր էի այդ գործում։ Հավատացած էի, որ այն թղթի կտորի նպատակն էր, որ միսս Սոֆիան ժամը երկուսն անց կեսին մի տեղ հանդիպի Հարնիին և փախչի նրա հետ։ Մտածում էի, որ ես պարտավոր էի հորը հայտնել այդ թղթի, ինչպես նաև աղջկա տարօրինակ վարմունքի մասին։ Այդ դեպքում գուցե միսս Սոֆիային փակեին մի սենյակում, և այս ահավոր իրարանցումը երբեք տեղի չէր ունենա։

Ես ցած իջա ծառից և զգույշ քայլեցի գետափով։ Շուտով գտա երկու դիակ։ Մեծ դժվարությամբ նրանց քաշեցի գետափ։ Ծածկեցի նրանց դեմքերը և ինչքան կարող էի, արագ հեռացա։ Բաքի դեմքը ծածկելիս, նույնիսկ մի փոքր լաց եղա․ նա իմ նկատմամբ շատ բարի էր։

Խավարը թանձրացավ։ Ես չգնացի տան մոտերքը․ անտառով շրջանցեցի այն և շարժվեցի դեպի ճահիճը։ Ջիմը իր կղզում չէր։ Արագ քայլեցի դեպի խորշը, խճճվելով ուռենիների մեջ, շտապում էի բարձրանալ լաստը և հեռանալ այդ ահավոր տեղից։ Լաստը չկար։ Ա՜խ, ինչպե՜ս վախեցա։ Մի րոպե շունչս կտրվեց։ Ձայն տվի։ Ինձնից քսանհինգ ոտնաչափ հեռու լսվեց պատասխանը․

― Աստվա՛ծ իմ, այդ դո՞ւ ես, անուշիկս։ Մի՛ աղմկիր։

Դա Ջիմի ձայնն էր, մինչ այդ ոչ մի բան այդքան դուրեկան չէր հնչել ականջիս։ Ափով քիչ վազեցի և բարձրացա լաստը։ Ջիմը գրկեց ինձ ու սեղմեց կրծքին։ Այնքա՜ն ուրախացավ, երբ ինձ տեսավ։ Նա ասաց․

― Տերն օրհնի քեզ, որդի։ Ես արդեն նորից մտածում էի, թե դու մեռած ես։ Ջեքն այստեղ էր։ Նա ասաց, որ իր կարծիքով դու սպանված պիտի լինես, որովհետև այլևս չես վերադարձել տուն։ Ես հենց հիմա պատրաստվում էի լաստը տանել խորշիկով ներքև և հեռանալ այստեղից, եթե Ջեքը վերադառնար և որոշակիորեն ասեր, որ դու մեռած ես։ Աստվա՛ծ իմ, որքա՜ն ուրախ եմ, որ նորից հանդիպեցինք, անուշիկս։

Ես ասացի․

― Շատ լավ։ Այդ բոլորը լավ է։ Նրանք էլ ինձ չեն գտնի և կկարծեն, թե սպանված եմ կամ գետը քշել֊տարել է։ Որոշ հիմք կա, որ այդպես մտածեն։ Ժամանակ մի՛ կորցնի, Ջիմ, և որքան կարող ես, գետի հոսանքով լաստն արագ առաջ տար։

Ես ինձ հանգիստ զգացի միայն այն ժամանակ, երբ լաստը երկու մղոն հեռացավ և արդեն Միսսիսիպիի մեջտեղում էր։ Կախեցինք մեր ազդանշանային լապտերը և կարող էինք ասել, թե նորից ազատ ու ապահով ենք։ Երեկվանից բերանս բան չէի դրել։ Ջիմը տվեց եգիպտացորենի բլիթներ, անսեր կաթ, խոզի միս, կաղամբ և կանաչեղեն։ Աշխարհում դրանից լավ բան չկա, մանավանդ երբ լավ է եփած։ Մինչ ես ընթրում էի, մենք զրուցում էինք, հաճելի ժամանակ անցկացնում։ Անչափ ուրախ էի, որ ազատվեցի այդ տոհմակռվից, ինչպես և Ջիմը, որ վերջապես հեռացավ ճահճից։ Գտնում էինք, որ վերջին հաշվով լաստից ավելի լավ տուն չկա։ Ուրիշ տեղերն այնպես ճնշող ու խեղդող էին մեզ համար։ Բայց այդպես չէ լաստը։ Լաստի վրա դուք կարող եք ձեզ բոլորովին ազատ, հանգիստ ու անհոգ զգալ։


Գլուխ տասնիներորդ

Անցավ երկու֊երեք օր ու գիշեր։ Կարող եմ ասել, որ այդ օրերն ու գիշերներն անցան լողալով՝ խաղաղ, հանդարտ ու հաճելի։ Ահա թե ինչպես էինք անցկացնում ժամանակը։ Այստեղ գետը սարսափելի մեծ էր։ Որոշ տեղերում լայնությունը հասնում էր մեկևկես մղոնի։ Գիշերներն առաջ էինք շարժվում, իսկ ցերեկները կանգ առնում ու թաքնվում։ Հենց որ գիշերը մոտենում էր իր վախճանին, մենք դադարեցնում էինք նավարկելը, կապում լաստը (գրեթե միշտ կանգնած ջրերում, առափնյա ցցուն մի կետից), ապա կտրում էինք կաղամախու, ուռենու ճյուղեր ու լաստը թաքցնում դրանց տակ։ Այնուհետև ջուրն էինք գցում ձկնորսական կարթերը, մտնում գետը, լողանում թարմանալու ու զովանալու համար։ Ապա նստում էինք ավազոտ հատակին, որտեղ ջրի խորությունը ծնկից վերև էր լինում, և դիտում, թե ինչպես է բացվում օրը։ Ոչ մի տեղից ոչ մի ձայն չէր լսվում․ կատարյալ լռություն, կարծես ամբողջ աշխարհը քնած էր։ Երբեմն միայն գորտերն էին կռկռում։ Հեռու, ջրի երեսին նայելիս, ամենից առաջ երևում էր մի տեսակ աղոտ գիծ։ Դա գետի մյուս ափի անտառն էր։ Ուրիշ ոչինչ։ Ապա երկնքում երևում էր դժգույն մի տարածություն, որը հետզհետե մեծանում էր, ծավալվում չորս կողմը։ Հեռվում մեղմանում էր գետը և այլևս այնպես սև չէր երևում, ինչպես գիշերը․ ավելի գորշ գույն էր ստանում։ Կարելի էր տեսել մութ, սև բծեր, որ գետի ընթացքով անընդհատ շարժվում էին առաջ, դեպի հեռուները․ առևտրական մեծ տափանավեր կամ նման բաներ ու երկար սև երիզներ՝ լաստեր։ Երբեմն կարելի էր լսել թիակների ճռինչ կամ խառնափնթոր ձայներ։ Այնքան խաղաղ էր և ձայնը այնքան հեռվից էր գալիս։ Ջրի երեսին երևում էր մի երիզ, և դրանից մարդիկ եզրակացնում են, որ այդտեղ արագ հոսանքի մեջ կա ինչ֊որ ցցվածք․ վրան բեկվում է հոսանքը և երիզին այդպիսի տեսք տալիս։ Ապա կտեսնեք ջրից գալարաձև բարձրացող մշուշ։ Արևելքը շառագունում է, կարմրում է գետը, և դուք հեռվում անտառի եզրին, գետի մյուս ափին նշմարում եք փայտաշեն մի խրճիթ, որը հավանորեն փայտի պահեստի պահակների կացարանն է։ Ապա սկսում է մի մեղմաշունչ զեփյուռ, որ անտառի ու ծաղիկների բուրմունքով օծված՝ հովհարում է մարդկանց, այնքա՜ն անուշ։ Երբեմն այդպես չի լինում, որովհետև տեղ֊տեղ թափված նեխող ձկներ և նման բաները տարածում են գարշահոտություն։ Ահա, օրը լրիվ լուսանում է, և ամեն ինչ ժպտում է արևի տակ, երգող թռչունները սուրում են ամենուրեք։

Այժմ արդեն փոքրիկ ծուխը չի նկատվում։ Կարթերից հանում ենք մի քանի ձուկ և պատրաստում տաք նախաճաշ։ Դիտում ենք գետի ամայի տարածությունը, ծուլանում ու ծուլությունից նիրհում։ Շուտով բացում ենք մեր աչքերը և նայում, թե այդ ինչ է, որ արթնացրեց մեզ․ գուցե մի շոգենավ է, որ հևալով բարձրանում է գետն ի վեր, բայց այնքան հեռու է մեր ափից, որ չես կարող ասել․ անիվը կողքի՞ն է, թե՞ հետնամասում։

Այնուհետև ժամերով ոչինչ չես տեսնում կամ լսում, բացի ջրային միապաղաղ ամայությունից։ Հանկարծ հեռվում երևում է մի լաստ, որ սահում֊անցնում է ջրի վրայով։ Գուցե այնտեղ մի մարդ փայտ է կտրում, որովհետև լաստի վրա մեծ մասամբ այդ են անում։ Կարելի է տեսնել կացնի փայլփլոցը, որ իջնում է ներքև, թեև ոչինչ չես լսում։ Կարելի է տեսնել կացինը վեր բարձրանալիս, մարդու գլխից վեր, և ապա լսել «թըխկ»։ Որքա՜ն ժամանակ է անցնում, մինչև ձայնը գալիս է ջրի վրայով։

Այսպես էինք մենք անցկացնում օրերը, ծուլորեն շուռ գալով կողքից կողք, ունկնդրելով անդորրությանը։

Մի անգամ թանձր մառախուղը պատել էր մեզ, և լաստերն ու նավակները թիթեղներ էին ծեծում, որպեսզի շոգենավերը նրանց վրա չգան։ Մի տափանավ թե լաստ այնքան մոտիկից անցավ, որ լսում էինք մարդկանց խոսակցությունը, հայհոյանքն ու ծիծաղը, այն էլ բավական պարզ։ Բայց նրանց չէինք տեսնում։ Դա սարսուռի զգացմունք էր առաջացնում մեր մեջ․ կարծես ոգիներն էին խոսում օդում։

Ջիմն ասում էր, թե իր կարծիքով դրանք ոգիներ են։ Բայց ես առարկեցի․

― Ոչ, ոգիները չէին ասի․ «Գրողը տանի այս անիծված մառախուղը»։

Շուտով, երբ մթնում էր, մենք հեռանում էինք ափից։ Լաստը բերում էինք գետի մեջտեղը, ազատ թողնում, որ գնա, ուր տանում է գետի հոսանքը։ Ապա լցնում էինք ծխամորճերը, ոտքներս կախում ջրի մեջ և խոսում դեսից֊դենից։ Միշտ մերկ էինք, գիշեր թե ցերեկ, հենց որ մժեղները մեզ հանգիստ էին թողնում։ Բաքի ծնողների տված շորերը շատ լավն էին և ազատ հագնել հնարավոր չէր։ Բացի այդ ես այնքան էլ շորի սիրահար չէի։

Երբեմն այդ ամբողջ գետի վրա երկար ժամանակ միայն մենք էինք լինում։ Դիմացը՝ ջրի այն կողմում, երևում էին թմբեր և կղզիներ, գուցեև մի կայծ, որը պետք է մի խրճիթի պատուհանի մոմը լիներ, երբեմն էլ ջրի վրա կարելի էր տեսնել մի քանի կայծ՝ լաստի կամ տափանավի վրա, գուցե և լսվեր ջութակի նվագ կամ երգի ձայն՝ նույն լաստերից։ Հաճելի է ապրել լաստի վրա։ Մեր վերևում երկինքն ամբողջովին պսակավորված էր աստղերով, և մենք սովորաբար պառկում էինք մեջքներիս, ու նայում վեր, մտածելով․ դրանք ստեղծվա՞ծ են, թե՞ իրենք իրենց են հայտնվել։ Ջիմը պնդում էր, թե ստեղծված են, իսկ ես ասում էի, թե իրենք իրենց են հայտնվել։ Մտածում էի, թե որքան ժամանակ է պետք այդքանն ստեղծելու համար։ Ջիմն ասում էր, թե գուցե լուսինն է ածել։ Դա շատ բանական էր թվում ինձ։ Չէի առարկում, որովհետև տեսել էի, թե ինչ մեծ թվով ձվեր է ածում գորտը։ Այնպես որ այդ բացատրությունը համոզիչ էր։ Մենք սովորաբար հետևում էինք վայր ընկնող աստղերին և նայում, թե ինչպես դրանք երկինքը երիզելով ցած են իջնում։ Ջիմի կարծիքով, դրանք փչացած ձվեր էին և բնից դուրս էին նետվում։

Ամեն գիշեր մեկ֊երկու անգամ տեսնում էինք շոգենավեր, որ սահելով անցնում էին մթության մեջ։ Երբեմն ծխնելույզից դուրս էին թափվում անհամար կայծեր, որոնք անձրևի նման տեղում էին ջրի մեջ։ Այդ տեսարանն անչափ գեղեցիկ էր։ Այնուհետև նավը շուռ էր գալիս մի անկյուն․ լույսերը մեզ համար դադարում էին պսպսղալուց․ փնչոցն այլևս չէր լսվում, և գետը նորից խաղաղվում էր։ Նավի գնալուց բավական ժամանակ հետո առաջացած ալիքը հասնում էր մեզ և մի փոքր օրորում լաստը։ Այնուհետև անորոշ ժամանակով այլևս ոչինչ չէինք լսում, բացի գորտերի կռկռոցից։ Չէինք կարող ասել, թե մեկ էլ ե՞րբ նավ կգա։

Կեսգիշերից հետո առափնյա բնակիչները քնում էին, և երկու֊երեք ժամ գետեզերքը բոլորովին մթնում էր, խրճիթների պատուհաններից այլևս լույսեր չէին երևում։ Այդ լույսերը մեր ժամացույցներն էին։ Առաջին իսկ լույսի երևալը նշանակում էր, որ արշալույսը մոտ է, և մենք որոնում էինք թաքնվելու հարմար տեղ ու անմիջապես կապում լաստը։

Մի օր լուսադեմին մի մակույկ գտա և ծանծաղուտով անցա ափ։ Կղզուց այդ լայնությունը ընդամենը երկու հարյուր յարդ էր։ Թիավարելով բարձրացա գետակն ի վեր, որի ափերին նոճիներ էին աճում։ Ուզում էի տեսնել, թե հատապտուղներ չկա՞ն։ Երբ անցնում էի մի տեղով, ուր արահետը հասնում էր գետակի ծանծաղուտը և շարունակվում մյուս կողմի վրա, տեսա երկու մարդ, որ աճապարանքով, որքան ճանապարհի նեղությունը թույլ կտար, վազում էին արահետով։ Մտածեցի, թե հաշիվս վերջացավ, որովհետև միշտ, երբ մեկը հետապնդում է մի ուրիշի, կարծում էի, թե հետապնդվողը ես կամ, գուցե, Ջիմը։ Ուզեցի շտապ հեռանալ, բայց նրանք արդեն շատ էին մոտեցել ինձ և կանչում, աղերսում էին փրկել իրենց կյանքը։ Ասացին, որ իրենք ոչինչ չեն արել, և դրա համար են իրենց հալածում, նույնիսկ շներով։ Նրանք ուզում էին ցատկել նավակի մեջ, բայց ես ասացի․

― Սպասեցե՛ք։ Ես դեռ շան և ձիերի ձայն չեմ լսում․ դուք ժամանակ ունեք ունեք գաղտագողի անցնել մացառների միջով և ափով մի քիչ բարձրանալ․ հետո կարող եք մտնել ջուրը, հունով իջնել ինձ մոտ և բարձրանալ մակույկը․ շները հոտոտելով կգան, կկորցնեն մեր հետքը։

Նրանք այդպես էլ արին։ Շուտով, երբ արդեն մակույկում էին, ես շուռ եկա դեպի կղզյակը, և մոտ հինգ կամ տասը րոպեից հետո մենք հեռվից լսեցինք շների հաչոց ու մարդկանց գոռոց։ Լսում էինք, թե ինչպես էին գալիս դեպի գետակը, բայց չէինք տեսնում։ Թվում էր, թե նրանք մի պահ կանգ էին առել և մոլորված՝ փախչողներին որոնում էին շրջակայքում։ Մենք անընդհատ հեռանում էինք, և շուտով գրեթե չէինք լսում նրանց ձայները։ Երբ անտառը մեկ մղոն մնաց մեր ետևում, և մենք արդեն հասնում էինք մեծ գետը, ամեն ինչ խաղաղ էր։ Թիավարեցինք դեպի կղզին և ապահով թաքնվեցինք կաղամախիների մեջ։

Փախչողներից մեկը կլիներ յոթանասուն տարեկան կամ գուցե ավելի։ Նա ուներ ճաղատ գլուխ և սպիտակած մորուք։ Գլխին դրել էր հին, մաշված, անճոռնի մի գլխարկ, իսկ հագին կար բրդյա ճարպոտած, հին, կապույտ շալվար, որի փողքերը դրված էին երկարաճիտ կոշիկների մեջ։ Տնական տաբատակալներ․․․ ոչ սխալվում եմ, միայն մեկ տաբատակալ ուներ։ Ուներ բամբակե հին, երկարափեշ, կապույտ վերարկու՝ արույրե ողորկ կոճակներով։ Վերարկուն գցել էր թևին։ Երկուսն էլ ունեին մկնագույն կապերտից պատրաստած մեծ խուրջիններ։ Դրանք լիքն էին։ Մյուսը կլիներ մոտ երեսուն տարեկան։ Հագուստը նույնքան սովորական էր։

Նախաճաշից հետո մենք բոլորս պառկեցինք հանգստանալու և սկսեցինք զրուցել։ Մեր հայտնաբերած առաջին բանն այն էր, որ այս մարդիկ իրար չէին ճանաչում։

― Ինչի՞ց ծագեց ձեր այս անախորժությունը, ― հարցրեց ճաղատը մյուս մարդուն։

― Դե, ես մի բան էի վաճառում, որ ատամներ էր մաքրում։ Մաքրում էր, բայց էմալն էլ հետը։ Մի գիշեր ավել մնացի, քան պետք էր, և նոր էի ծլկել, երբ ձեզ հանդիպեցի քաղաքի այս մասում։ Դուք հայտնեցիք, թե գալիս են, և ինձ խնդրեցիք օգնել ձեզ, որ հեռանանք։ Ես ասացի, թե նման անախորժության ինքս էլ եմ սպասում և կուզենայի ձեզ հետ փախչել։ Ահա իմ ամբողջ պատմությունը։ Իսկ ի՞նչ է պատահել ձեզ։

― Ես այստեղ մեկ շաբաթ քարոզում էի ժուժկալություն և կանանց սիրելին էի, որովհետև հարբածներին բոլորովին չէի խնայում․ ամեն երեկո ստանում էի հինգ֊վեց դոլար, շնչից տասը ցենտ։ Երեխաներից ու նեգրերից փող չէի վերցնում։ Գործը հետզհետե լավանում էր, երբ երեկ երեկոյան ինչ֊որ մեկը չարամտորեն լուր տարածեց, թե ես ինքս ժամանակն անց եմ կացնում խմելով։ Մի նեգր առավոտյան արթնացրեց ինձ, հայտնեց, որ մարդիկ ձիերով ու շներով հետզհետե հավաքվում են և շուտով այստեղ կլինեն։ Ինձ տալու են կես ժամ ժամանակ, որպեսզի հեռանամ, ապա հետապնդելու են մինչև ուժասպառ անեն։ Եվ եթե ինձ բռնեն, վրաս սև ձյութ կքսեն, փետուրներ կկպցնեն և ման կածեն ձողի վրա նստեցրած։ Ես այլևս նախաճաշի չսպասեցի․ քաղցած չէի։

― Ծերուկ, ― ասաց երիտասարդը, ― ինձ թվում է՝ մենք կարող ենք միացնել մեր ուժերը։ Ի՞նչ կարծիքի եք։

― Դեմ չեմ։ Ո՞րն է ձեր հիմնական զբաղմունքը։

― Արհեստով տպագրիչ եմ, պատահում է, որ զբաղվում եմ պատենտավոր դեղերի գործով, խաղում եմ բեմերում, ողբերգակ եմ, երբեմն զբաղվում եմ մեսմերականությամբ, գանգաբանությամբ, երբ առիթ է լինում, տալիս եմ երգի ու աշխարհագրության դասեր, երբեմն դասախոսություններ եմ կարդում, մի խոսքով, ինչ պատահի։ Այնպես որ արածս մի բան չէ։ Իսկ դո՞ւք ինչ բնագավառի մարդ եք։

― Ժամանակին շատ եմ զբաղվել բժշկությամբ։ Բուժում էի՝ ձեռքս քաղցկեղով, կաթվածով և նման հիվանդություններով տառապողների վրա դնելով։ Կարող եմ բավական լավ բախտ գուշակել, եթե որևէ մեկից հարցուփորձով իմանամ անհրաժեշտ փաստերը։ Քարոզելը նույնպես իմ գործն է եղել․ քարոզել եմ բացօթյա աղոթաժողովներում և զբաղվել միսիոներությամբ։

Մի պահ բոլորը լռեցին, ապա երիտասարդ մարդը հառաչեց․

― Ավա՜ղ։

― Ինչո՞ւ եք հառաչում, ― հարցրեց ճաղատը։

― Ո՞ւմ մտքով կանցներ, թե այս օրը կընկնեմ, այնքան կնվաստանամ, որ կիջնեմ մինչև այս միջավայրը։

Եվ նա հին շորով սրբեց աչքի անկյունը։

― Ասացեք, խնդրեմ, մի՞թե այս միջավայրը ձեզ համար լավ չէ, ― ասաց ճաղատը բավական հանդուգն և մեծամիտ եղանակով։

― Այո, լավ է․ դրան էլ հազիվ եմ արժանի, որովհետև ո՞վ ինձ այսքան նվաստացրեց, երբ ես այնքա՜ն բարձր էի։ Իհարկե, ինքս։ Ես ձեզ չեմ մեղադրում, ջենտլմեններ, ամենևին էլ ոչ․ ոչ ոքի չեմ մեղադրում։ Տեղն է ինձ։ Թող սառնասիրտ աշխարհն ինձ համար անի ամենավատ բանը։ Ես միայն մի բան գիտեմ․ ինչ֊որ տեղ ինձ սպասում է իմ բաժին գերեզմանը։ Աշխարհը սովորականի նման կարող է շարունակել իր ընթացքը և ինձնից խլել ամեն ինչ՝ իմ սիրելի մերձավորներին, ունեցվածքս, ամեն ինչ։ Բայց այդ աշխարհը չի կարող ինձանից խլել իմ գերեզմանը։ Մի օր ես կպառկեմ այնտեղ և կմոռանամ այս ամենը, և իմ խորտակված խեղճ սիրտը հանգիստ կառնի։

Նա շարունակեց արտասվել։

― Թողեք ձեր խորտակված խեղճ սիրտը, ― ասաց ճաղատը, ― ինչո՞ւ եք ձեր խորտակված խեղճ սրտի հառաչանքը մեր գլխին թափում։ Մենք ոչինչ չենք արել։

― Ոչ, գիտեմ, որ ոչինչ չեք արել։ Ես ձեզ չեմ մեղադրում, ջենտլմեններ։ Ինքս եմ ինձ ցած բերել, այո, ինքս եմ արել։ Ուստի տեղն է, որ տառապեմ, միանգամայն տեղին։ Ես չեմ գանգատվում։

― Ասում եք ցած եք իջել, բայց ինչի՞ց։ Ինչի՞ց եք ցած իջել։

― Օ՜, դուք ինձ չեք հավատում․․․ Աշխարհն ինձ երբեք չի հավատա․․․ լավ․ թողնենք այդ։ Իմ ծննդյան խորհրդավորությունը․․․

― Ձեր ծննդյան խորհրդավորությունը։ Ուզում եք ասել․․․

― Ջենտլմեններ, ― խոսեց երիտասարդը չափազանց հանդիսավոր եղանակով, ― ես ձեր առջև բաց կանեմ այդ խորհրդավորությունը․ զգում եմ, որ կարող եմ վստահել ձեզ։ Ես ծագումով դուքս եմ։

Ջիմն աչքերը չռեց, երբ լսեց այդ խոսքերը։ Խոստովանում եմ, նույն վիճակում էի և ես։ Ճաղատն ասաց․

― Ոչ։ Այդպիսի բան չի կարող լինել։

― Այո։ Իմ պապի հայրը՝ Բրիջուոթըրի դքսի անդրանիկ որդին, անցյալ դարի վերջերին փախել է մեր երկիրը՝ ազատության անարատ օդ շնչելու։ Ամուսնացել է այստեղ և մեռել, թողնելով մեկ որդի։ Մոտավորապես նույն ժամանակները մեռել է նրա հայրը։ Հանգուցյալ դքսի երկրորդ որդին տիրացել է այդ տիտղոսին և կալվածներին, մոռացության տալով մանկանը՝ իսկական ժառանգին։ Ես այդ մանկան ուղղակի թոռն եմ՝ Բրիջուոթըրի օրինական դուքսը։ Եվ ահա ես, լքված, բարձր աստիճանից զրկված, մարդկանց կողմից հալածված, սառնասիրտ աշխարհի կողմից արհամարհված, բզկտված, տանջված, սրտաբեկ և իջած մինչև լաստի վրա ապաստանող ոճրագործ մարդկանց շարքը։

Ջիմն անչափ խղճաց նրան։ Խղճում էի և ես։ Փորձեցինք մխիթարել, բայց նա ասաց, որ դա անօգուտ է, որ ինքը շատ մխիթարվել չի կարող։ Ասաց, որ եթե մենք իրեն դուքս համարենք, դա ավելի լավ կլինի իր համար, քան որևէ այլ բան։ Մենք հավաստիացրինք, որ կհամարենք, միայն թող ասի, թե ինչո՞վ է դա արտահայտվելու։ Նա ասաց, որ մենք իր հետ խոսելիս պետք է խոնարհվենք, և ասենք «Ձերդ պայծառափայլություն» կամ «Տեր իմ» կամ «Ձերդ լորդություն», իսկ եթե նույնիսկ նրան պարզապես անվանենք «Բրիջուոթըր», որը նրա ասելով տիտղոս է և ոչ անուն, չի վիրավորվի։ Բացի այդ, ճաշելիս մեզանից մեկը պետք է սպասրկի և կատարի նրա ցանկությունը։

Դե, դժվար բան չէր, և մենք համաձայնեցինք։ Ճաշի ժամանակ սկզբից մինչև վերջը Ջիմը, կանգնած նրա կողքին, սպասարկում էր, ասելով․ «Ձերդ պայծառափայլությունը չի՞ ցանկանա մի քիչ սրանից, նրանից» և այլն։ Ո՞վ չէր նկատի, որ դա մեծ բավականություն է պատճառում նրան։

Բայց ծերունին շուտով լռեց։ Ըստ երևույթին, նրա սրտով չէր այն հոգատարությունը, որով շրջապատել էինք դուքսին։ Թվում էր, թե նրա մտքում ինչ֊որ բան կար։ Իրոք, կեսօրից հետո նա ասաց․

― Այս կողմ նայեցեք, Բրիջուոթըր։ Ես շատ ցավում եմ ձեզ համար, բայց դուք միակ անձնավորությունը չեք, որ նման նեղությունների մեջ եք։

― Մի՞թե։

― Այո՛, մենակ դուք չեք, որ հանիրավի գահավիժել եք բարձր դիրքից։

― Ավա՜ղ։

― Ոչ, դուք միակ անձնավորությունը չեք, որի ծագումը գաղտնիք ունի։

― Ծերունին նույնպես սկսեց հեկեկալ։

― Սպասեցեք։ Ի՞նչ եք ասում։

― Բրիջուոթըր, կարո՞ղ եմ վստահել ձեզ, ― ասաց ծերունին, դեռ շարունակելով յուրահատուկ հեկեկանքը։

― Մինչև գերեզման։ ― Նա բռնեց ծերունու ձեռքը, սեղմեց և ասաց․ ― Ասացեք ձեր կյանքի գաղտնիքը։

― Բրիջուոթըր, ես հանգուցյալ դոֆինն եմ։ Հավատացեք, այս անգամ արդեն Ջիմն ու ես չռեցինք մեր աչքերը։ Ապա դուքսն ասաց․

― Ո՞վ եք դուք։

― Այո, բարեկամներ, դա միանգամայն ճիշտ է։ Ձեր աչքերը հենց այս պահին նայում են անհետացած խեղճ դոֆինին, Լյուդովիկոս Տասնյոթերորդին, Լյուդովիկոս Տասնվեցերորդի և Մարիա Անտուանետի[11] որդուն։

― Դո՞ւք։ Այդ տարիքի՞ն։ Ո՛չ։ Գուցե ուզում էիք ասել հանգուցյալ Կառլոս Մեծն եք․[12] պետք է, որ դուք առնվազն վեց֊յոթ հարյուր տարեկան լինեք։

― Ձախորդությունից է, Բրիջուոթըր, ձախորդությունից։ Ձախորդության հետևանք են այս սպիտակ մազերը և անժամանակ ճաղատությունը։ Այո, ջենտլմեններ, դուք ձեր առջև տեսնում եք Ֆրանսիայի թշվառ, թափառական, արտաքսված, ոտնակոխ արված, կապույտ քաթան հագած, տառապյալ թագավորին։

Նա այնպես էր աղաղակում, որ ես ու Ջիմը չգիտեինք, թե ինչ անենք։ Անչափ ցավում էինք և միաժամանակ ուրախ ու հպարտ էինք, որ նա մեզ հետ է։ Սկսեցինք սփոփել նրան, ինչպես մինչ այդ սփոփել էինք դքսին։ Բայց նա ասաց, որ դա անօգուտ է․ նրան ոչինչ չի հանգստացնի, բացի մահից, որը վերջ կտա այդ բոլորին, թեև ասում էր, որ հաճախ ավելի հանգիստ ու ավելի լավ է զգում իրեն, երբ մարդիկ վարվում են իր հետ համաձայն իր իրավունքների և իջնում են մի ծնկի վրա, որպեսզի խոսեն իր հետ, միշտ իրեն կանչում են «Ձերդ մեծություն» և ճաշի ժամանակ սկզբում սպասարկում են իրեն և իր ներկայությամբ չեն նստում, մինչև ինքը թույլ չտա։ Ջիմն ու ես սկսեցինք նրան անվանել «Ձերդ մեծություն», նրա համար անել այս կամ այն ծառայությունը և այնքան կանգնած մնալ, մինչև ասեր, թե կարող ենք նստել։ Այդ բանը նրան շատ օգնեց, և նա իրեն զվարթ ու սփոփված էր զգում։ Բայց դուքսը նկատելիորեն թթվեց։ Ըստ երևույթին, այնքան էլ գոհ չէր իրերի այս ընթացքից։ Այնուամենայնիվ, թագավորը բարեկամաբար էր վարվում նրա հետ, ասելով, թե դքսի պապի հոր և Բրիջուոթըրի մյուս բոլոր դուքսերի մասին լավ կարծիք է ունեցել իր հայրը, նրան հաճախ թույլ տվել գալու իր պալատը, բայց դուքսը երկար ժամանակ փքված մնաց մինչև թագավորն ասաց․

― Ըստ երևույթին, մենք երկար ժամանակ կմնանք այս լաստի վրա, Բրիջուոթըր, ուստի ի՞նչ միտք ունի այդպես թթվել։ Դրանից միայն անախորժություն կծագի։ Ես հանցավոր չեմ, որ դուքս չեմ ծնվել, ոչ էլ դուք՝ որ թագավոր չեք ծնվել։ Ուրեմն՝ էլ ինչո՞ւ մտատանջվել։ Լավագույն ձևով օգտվիր այն հնարավորություններից, որ ձեռք ես գցում․ ահա՛ իմ նշանաբանը։ Վատ չէ, որ մենք ընկել ենք այստեղ․ առատ սնունդ և հանգիստ կյանք։ Դե, տվեք ձեր ձեռքը, դուքս, և մենք բոլորս բարեկամներ կլինենք։

Դուքսը մեկնեց իր ձեռքը։ Այդ տեսնելով Ջիմն ու ես շատ ուրախացանք։ Չքացավ ամբողջ անախորժությունը, և մենք մեզ լավ զգացինք, որովհետև չկա ավելի վատ բան, քան լաստի վրա գժտվելը։ Լաստի վրա ամենացանկալի բանն այն է, որ բոլորն էլ գոհ մնան, շիտակ ու բարի լինեն իրար նկատմամբ։

Երկար ժամանակ պետք չէր հասկանալու համար, որ այս ստախոսները ո՛չ թագավոր են, ո՛չ էլ դուքս, այլ սոսկ ստոր խաբեբաներ ու խարդախներ։ Բայց ես ոչինչ չասացի, ոչինչ ցույց չտվի, ամեն ինչ պահեցի իմ ներսում։ Ամենալավն այդ է, որովհետև նման դեպքում մարդ խույս տված կլինի կռիվնեից ու գլխացավանքից։ Եթե ուզում էին, որ մենք իրենց թագավոր ու դուքս անվանեինք, ապա ես դեմ չէի այնքան, որքան այդ կապահովեր մեր ընտանիքի խաղաղությունը։ Այդ մասին միտք չուներ Ջիմին հայտնել, և ես նրան ոչինչ չասացի։ Եթե հորիցս բան չէի սովորել, ապա գոնե այդքանը գիտեի․ մարդկանց հետ յոլա գնալու ամենալավ միջոցը այն է, որ թույլ տաս նրանց անել այն, ինչ իրենք են ուզում։


Գլուխ քսաներորդ

Նրանք մեզ բավական շատ հարցեր տվեցին․ ուզում էին իմանալ, թե ինչու ենք այդպես թաքցնում լաստը և ցերեկները կանգ առնում, փոխանակ առաջ շարժվելու․ հարցնում էին, թե Ջիմը փախած ներգ չէ՞։ Ես ասացի․

― Աստված իմ, կարո՞ղ է փախած նեգրը դեպի հարավ գնալ։

Նրանք համաձայնեցին, որ չի կարող։ Ես ստիպված էի որոշ հաշիվ տալ նրանց, ուստի ասացի․

― Իմ ազգականները ապրում էին Փայքի գավառում, Միսսուրիի նահանգում, որտեղ ես եմ ծնվել։ Նրանք բոլորը մեռել են։ Ողջ էին միայն հայրս, եղբայրս՝ Այքը և ես։ Հայրս որոշեց թողնել ամեն ինչ և գնալ ապրել հորեղբայր Բենի հետ, որը մի փոքրիկ ագարակ ունի գետափին, Օռլեանից քառասունչորս մղոն ներքև։ Հայրս շատ աղքատ էր, պարտքեր ուներ, և երբ նա բոլորի հետ հաշիվը փակեց, նրան մնաց տասնվեց դոլար, մեկ էլ մեր այս նեգր Ջիմը։ Դա բավական չէր, որ ճանապարհորդեինք հազար չորս հարյուր մղոն, թեկուզև նավի տախտակամածի տոմս առնեինք։ Ինչ որ է, մի անգամ, երբ գետը վարարել էր, հորս բախտը մի քիչ բանեց․ գետում բռնեց այս լաստամասը, և մենք որոշեցինք դրանով իջնել հարավ՝ Նոր Օռլեան։ Հորս երջանկությունը երկար չտևեց։ Մի գիշեր ինչ֊որ շոգենավ անցավ լաստի առաջամասի անկյան վրայով։ Մենք բոլորս ընկանք ջուրը և սուզվեցինք նավի անիվներից էլ ներքև։ Ջիմն ու ես ողջ֊առողջ դուրս եկանք ջրի երեսը, բայց հայրս հարբած էր, եղբայրս էլ հազիվ չորս տարեկան լիներ։ Նրանք այլևս ջրի երեսին չերևացին։ Ինչ որ է, հաջորդ մեկ֊երկու օրը մենք բավականին նեղվեցինք․ մարդիկ մակույկներով մոտենում էին մեզ և փորձում Ջիմին խլել ինձնից, ասելով, թե իրենք հավատացած են, որ նա փախած նեգր է։ Այդ պատճառով էլ այժմ ցերեկով այլևս չենք շարունակում ճանապարհը։ Գիշերը մարդիկ մեզ նեղություն չեն տալիս։

Դուքսն ասաց․

― Ինձ թույլ տվեք, և ես մի միջոց կգտնեմ ցերեկը ճանապարհորդելու, եթե ցանկանաք։ Ես այս հարցի մասին լավ կմտածեմ և մի հարմար ծրագիր կկազմեմ։ Այսօր թող սովորականի պես լինի, որովհետև մենք, իհարկե, չենք ուզենա ցերեկով ներքևի քաղաքի մոտով անցնել․ դա կարող է վատ վերջանալ։

Իրիկնադեմին երկինքը մռայլվեց, զգացվում էր, որ անձրև է գալու։ Երկնակամարում հուրհրաց կայծակը, տերևներն սկսեցին դողդողալ։ Լավ բան չէր սպասվում, և դա դժվար չէր նկատել։ Դուքսը և թագավորը շարժվեցին դեպի լաստի վրայի հյուղակը, տեսնելու, թե ինչի են նման մեր անկողինները։ Իմ անկողինը բաղկացած էր ծղոտով լցրած մի ներքնակից և ավելի լավ էր, քան Ջիմինը, որը եգիպտացորենի կեղևով էր լցրած։ Կեղևով լցրած ներքնակի մեջ միշտ լինում են գլխիկներ․ դրանք ցավեցնում են մարդու կողերը, և երբ շուռումուռ ես գալիս, չորացած կեղևները այնպիսի ճռճռոց են հանում, կարծես չոր տերևների կույտի վրա լինես։ Այնպես են խշխշում, որ արթնացնում են քնած մարդուն։ Ինչ որ է, դուքսը որոշեց վերցնել իմ անկողինը։ Բայց թագավորը թույլ չտվեց։ Նա ասաց․

― Ինձ թվում է, թե աստիճանի տարբերությունը պետք է հասկանալի լիներ ձեզ, որ եգիպտացորենի կեղևով լցրած ներքնակը հարմար չէր լինի ինձ։ Թող ձերդ պայծառափայլությունը վերցնի կեղևով ներքնակը։

Նորից Ջիմն ու ես մի րոպե քրտնեցինք․ վախենում էինք, թե նրանց միջև էլի խռովություն կծագի։ Շատ ուրախացանք, երբ դուքսն ասաց․

― Իմ ճակատագիրն է միշտ լինել ճնշողի երկաթե կրնկի տակ, թաղվել ճահճի մեջ։ Դժբախտությունն արդեն կոտրել է իմ երբեմնի հպարտ հոգին․ ես զիջում եմ։ Ենթարկվում եմ․ դա է իմ ճակատագիրը։ Եվ դա էլ կարող եմ տանել։

Հենց որ մթնեց, ճանապարհ ընկանք։ Թագավորն ասաց, որ պետք է հնարավորին չափ գետի մեջտեղով գնալ և ոչ մի լույս չվառել, մինչև քաղաքից բավականաչափ հեռանանք։ Շուտով երևաց լույսերի մի փոքրիկ փունջ․ դա քաղաք էր։ Մենք հաջողությամբ կես մղոն անցանք դրա առջևով։ Երբ արդեն քառորդ մղոն հեռացել էինք, բարձրացրինք մեր ազդանշանային լապտերը։ Մոտ ժամը տասին սկսեց անձրևել։ Քամին փչում էր, երկինքը որոտում, կայծակը լուսավորում էր ամեն ինչ։ Թագավորը մեզ երկուսիս պատվիրեց կանգնել և դիտել շրջապատը մինչև եղանակը լավանա։ Ապա նա և դուքսը սողոսկեցին հյուղակը, պառկեցին քնելու։ Ժամը տասներկուսից հետո ես էի հերթապահելու, բայց չէի ուզում քնել մինչև իմ ժամանակը գար, նույնիսկ եթե անկողին էլ ունենայի, որովհետև շաբաթվա ոչ բոլոր օրերին է առիթ լինում տեսնելու այսպիսի փոթորիկ։ Աստված իմ, ինչպե՜ս էր մռնչում քամին։ Եվ ամեն վայրկյան այնպիսի շլացուցիչ լույս էր բռնկվում, որ կես մղոնի վրա լուսավորում էր ալիքների սպիտակ կատարները։ Կարելի էր տեսնել կղզիներ, որոնք անձրևի միջից թվում էին փոշոտված։ Ծառերը քամուց բախվում էին իրար։ Լսվում էր դղրդյուն․ բո՛ւմ, բո՛ւմ, բո՛ւմ, բա՛մ, բո՛մ։ Եվ որոտը գոռալով, մռնչալով հեռանում էր։ Այնուհետև, ճեղքելով երկինքը, շողում էր փայլակը, և լսվում էր ուժեղ հարված։ Երբեմն քիչ էր մնում ալիքներն ինձ քշեին, տանեին լաստի վրայից։ Հագիս շոր չունեի և ոչ մի բանի ուշադրություն չէի դարձնում։ Նավարկության համար վնասակար որևէ ջրասույզ ծառից կամ ցցվածքից չէինք վախենում։ Կայծակը շարունակ մեր շրջապատն այնպես էր լուսավորում, որ մենք շուտ էինք նկատում դրանք և խույս տալու համար լաստի գլուխը շուռումուռ էինք տալիս։

Իմ հերթափոխությունը ժամը տասներկուսից հետո էր, ինչպես ասացի, բայց արդեն քունս գալիս էր։ Ջիմն ասաց, որ գիշերվա առաջին կեսն ինքը կհերթապահի, և ես կարող եմ քնել։ Այդ տեսակետից նա շատ դիմացկուն էր։ Ես մտա հյուղակը, բայց թագավորն ու դուքսն իրենց ոտքերն այնպես անճոռնի էին տարածել, որ ինձ համար տեղ չէր մնացել։ Պառկեցի հյուղակի առջև։ Անձրևին ուշադրություն չէի դարձնում, որովհետև տաք էր, և ալիքներն այժմ արդեն այնքան շատ չէին բարձրանում։ Ժամը երկուսին նորից սկսվեց ալեկոծությունը։ Ջիմն ուզում էր ինձ արթնացնել, բայց փոխել էր միտքը։ Նրա կարծիքով ալիքները դեռ այնքան էլ բարձր չէին, որ վնաս տային։ Սակայն սխալվեց, որովհետև հանկարծ բարձրացավ մի ահագին ալիք և ինձ ցած գլորեց։ Ջիմը ծիծաղից մեռնում էր։ Նա իմ տեսած նեգրերից ամենածիծաղկոտն էր։

Ես անցա պահակության, և Ջիմը պառկեց ու սկսեց խռմփացնել։ Շուտով դադարեց փոթորիկը, և ամեն ինչ խաղաղվեց։ Հենց որ երևաց առափնյա խրճիթներից մեկի լույսը, ես արթնացրի Ջիմին, և մենք լաստը թաքցրինք՝ ցերեկն անցկացնելու համար։

Նախաճաշից հետո թագավորը դուրս բերեց հին, կեղտոտված խաղաթղթեր և դքսի հետ սկսեց պոկեր խաղալ, խաղը՝ հինգ ցենտ։ Շուտով ձանձրացան դրանից և ասացին, թե «պայքարի ծրագիր են կազմելու», ինչպես արտահայտվում էին իրենք։ Դուքսը բացեց իր կապերտե տոպրակը, դուրս բերեց տպագրված ծանուցագիր և բարձրաձայն կարդաց։ Մի ծանուցագրում ասված էր․ «Փարիզի հռչակավոր դոկտոր Արման դը Մոնտաբլանը դասախոսելու է գիտության և գանգաբանության մասին, այսինչ, այսինչ տեղում, այսինչ օրը, տոմսը տասը ցենտ, իսկ քսանհինգ ցենտով կորոշի մարդկանց նկարագիրն ու ունակությունները»։ Դուքսն ասում էր, որ այդ դոկտորն ինքն է։ Մի այլ ծանուցագրում նա «Շեքսպիրյան համաշխարհային ուղբերգակ էր, Լոնդոնի Դրուրի Լեյն թատրոնի Գարրիկ կրտսերը»։ Մյուս ծանուցագրերում նա ուներ այլ անուններ և կատարել էր զարմանալի բաներ, ինչպես օրինակ, «գուշակող գավազանով» գտել էր ջուր ու ոսկի, ի չիք դարձրել կախարդական անեծքները և այլն։ Շուտով նա ասաց․

― Բայց բեմական մուսան ինձ ավելի է մոտ։ Դուք երբևէ քայլե՞լ եք բեմում, ձերդ մեծություն։

― Ոչ, ― ասաց թագավորը։

― Այդ դեպքում, ձերդ գահընկեց մեծություն, երեք օր չանցած, հենց որ հասնենք մի լավ քաղաք, դահլիճ կվարձենք և կկատարենք «Ռիչարդ III»֊ի սուսերամարտը, ինչպես և «Ռոմեո և Ջուլիետ»֊ի պատշգամբի տեսարանը։ Սա ձեզ դո՞ւր է գալիս։

― Ես միանգամայն համաձայն եմ որևէ բանի, որ եկամտաբեր է, դուքս, բայց պետք է իմանաք, որ ես դերասանական խաղերից ոչ մի բան չեմ հասկանում, ոչ էլ շատ եմ տեսել նման բաներ։ Ես շատ փոքր էի, երբ հայրս սովորություն ուներ դրանց հրավիրելու պալատ։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եք ինձ սովորեցնել։

― Շատ հեշտ։

― Լավ, ես արդեն դառնում եմ անհամբեր․ ուզում եմ մի բանով զբաղվել։ Հենց հիմա սկսենք։

Դուքսը նրան պատմեց, թե ով է եղել Ռոմեոն և ով՝ Ջուլիետը, ապա ասաց, որ սովորաբար ինքը խաղացել է Ռոմեոյի դերը, ուրեմն՝ թագավորը կարող էր լինել Ջուլիետ։

― Բայց եթե Ջուլիետն այդքան երիտասարդ աղջիկ է, դուքս, ապա իմ մերկացած գլուխը և սպիտակ մորուքը արդյոք չափազանց տարօրինակ չե՞ն երևա։

― Ո՛չ, դրա համար մի անհանգստացեք, գյուղական տխմարներն այդ մասին չեն էլ մտածի․ դուք համապատասխան կոստյում կհագնեք, և ամեն ինչ այլ կլինի։ Ջուլիետը պատշգամբում է և անկողին մտնելուց առաջ վայելում է լուսնի շողերը։ Նա հագել է գիշերանոց և գլխին դրել փոթփոթած գիշերագդակ։ Ահա այդ դերի զգեստները։

Դուքսը դուրս բերեց վարագույրի համար օգտագործվող չթից կարած երկու֊երեք կոստյում, իր ասելով, Ռիչարդ III֊ի և նրա հակառակորդի միջնադարյան բամբակե մի երկար, սպիտակ գիշերաշապիկ և դրան համապատասխան փոթոթված գիշերագդակ։ Թագավորը գոհ էր։ Դուքսը դուրս բերեց իր գիրքը և ամենափառավոր, հանդիսավոր եղանակով կարդաց նրանց դերերը, միաժամանակ լաստի վրա ոստոստելով և խաղալով դերերը, որպեսզի ցույց տար, թե ինչպես է պետք կատարել։ Ապա գիրքը տվեց թագավորին և ասաց, որ իր բաժինն անգիր անի։

Գետի ոլորանից մոտ երեք մղոն ներքև կար շատ փոքրիկ մի քաղաք, և դուքսը ճաշից հետո ասաց, թե ինքը մտածել, ծրագրել է, թե ինչպես են ցերեկները շարունակելու ճանապարհը, առանց Ջիմին վտանգի ենթարկելու։ Նա որոշել էր անձամբ գնալ քաղաք և կարգավորել այդ գործը։ Թագավորն ասաց, որ ինքն է գնալու և տեսնելու, թե հարմար բան չկա՞ անելու։ Մեր սուրճը վերջացել էր, և Ջիմն ասաց, որ լավ է ես էլ գնամ նրանց հետ և քիչ սուրճ բերեմ։

Երբ հասանք քաղաք, դրսում ոչ ոք չէր շարժվում։ Փողոցները դատարկ էին, ամենուրեք լիակատար խաղաղություն և մեռելային լռություն էր տիրում, ինչպես կիրակի օրերը։ Մենք գտանք մի հիվանդ նեգրի, որը տան ետևի բակում պառկել էր արևի տակ։ Նա ասաց, որ բոլոր բնակիչները, բացի շատ փոքրերից, հիվանդերից ու շատ ծերերից, գնացել են երկու մղոնի վրա գտնվող անտառը՝ կրոնական բացօթյա քարոզի։ Թագավորը, իմանալով տեղի մասին, ասաց, որ ուզում է գնալ և մասնակցել այդ քարոզին։ Ասեց, որ կաշխատի մի բան դուրս բերել այնտեղից։ Ինձ նույնպես թույլ տվեց գնալ իր հետ։

Դուքսն ասաց, որ իր նպատակը տպագրական մի հիմնարկություն գտնելն է։ Մենք այդ հիմնարկությունը գտանք։ Դա մի փոքրիկ տեղ էր, հյուսնի արհեստանոցի վերնահարկում։ Հյուսները և տպագրիչները բոլորը գնացել էին ժողովի։ Դռները փակ չէին։ Կեղտոտ խցում ամեն ինչ թափթփված էր, պատերին ամենուրեք երևում էին թանաքի հետքեր, հայտագրեր, որոնց վրա նկարված էին ձիեր և փախած նեգրեր։ Դուքսը հանեց իր բաճկոնը և ասաց, որ իրեն ուրիշ բան պետք չէ։ Ես և թագավորը դուրս եկանք ժողովի գնալու։

Մենք այնտեղ հասանք մոտ կես ժամ հետո, քրտնքի մեջ կորած, որովհետև սարսափելի շոգ օր էր։ Այնտեղ հավաքվել էին ամբողջ շրջանից, հազար հոգուց ոչ պակաս։ Շատերը եկել էին քսան մղոն հեռավորությունից։ Անտառը լցվել էր սայլերով ու լծկաններով, որ կապված էին ամեն տեղ և սայլի տաշտից ուտում էին իրենց կերն ու պոչները շարժելով՝ ճանճեր քշում։ Այնտեղ կային վրանաձև ծածկեր։ Գետնին ամրացրել էին սյուներ և վերևը ծածկել ճյուղերով, ուր մարդիկ վաճառում էին լիմոնադ, թխվածքներ, ձմերուկ, խակ եգիպտացորեն ու այլ կանաչեղեն։

Քարոզը տեղի էր ունենում նման ծածկերի տակ, միայն թե դրանք ավելի մեծ էին և լցված մարդկային բազմությամբ։ Նստարանները պատրաստել էին կոճղերի կողքերից հանած տախտակներից, որոնց կլոր կողմերի վրա փորել ու որպես ոտքեր փայտեր էին ամրացրել։ Նստարանները հենարաններ չունեին։ Քարոզիչների համար ծածկի մի ծայրում պատրաստել էին բարձր ամբիոններ։ Կանայք գլխներին դրել էին ծղոտե գլխարկներ, մի քանիսը հագել էին բրդյա զգեստներ, մի քանիսը՝ չթե, երիտասարդներից ոմանք էլ՝ բամբակե սպիտակ շորեր։ Երիտասարդ տղամարդկանցից մի քանիսը ոտաբոբիկ էին, իսկ երեխաների մի մասի հագին միայն քաթանե շապիկներ կային, ուրիշ ոչինչ։ Տարեց կանանցից մի քանիսն էլ իրար թաքուն աչքով֊ունքով էին անում։

Առաջին հյուղակում, ուր մենք մտանք, քարոզիչը շարական էր կարդում։ Նա կարդաց երկու տող, և բոլորը երգեցին այն։ Սքանչելի էր երգը․ այնքա՜ն հուզիչ էր, և այնքա՜ն շատ էին երգողները։ Քարոզիչը երկու տող էլ կարդաց, որպեսզի երգեն, և այդպես շարունակ։ Մարդիկ ավելի ոգևորվեցին և երգեցին ավելի բարձր։ Վերջում մի քանիսն սկսեցին ողբալ, մի քանիսն էլ՝ գոռգոռալ։ Ապա քարոզիչն անցավ իր քարոզին և այն էլ շատ լրջորեն։ Նա մերթ ճոճվում էր դեպի ամբիոնի մի կողմը, մերթ մյուս կողմը, հենվում էր ամբիոնի մեջտեղին, թևերն ու մարմինը անընդհատ շարժելով և բառերն իր ամբողջ կարողությամբ բարձրաձայն արտասանելով։ Երբեմն բարձր բռնում էր բացված Աստվածաշունչը և պտտեցնում մեկ մի կողմի, մեկ մյուս կողմի վրա ու գոռում․ «Ահավասիկ պղնձյա օձն անապատում։ Նայեցե՛ք նրան և ապաքինվեցե՛ք»։ Մարդիկ բարձրաձայն գոռում էին «Փա՜ռք քեզ, տե՛ր։ Ա֊ա֊մե՜ն»։ Եվ այդպես նա շարունակեց, իսկ մարդիկ հեծում էին, լաց լինում ու ասում «ամեն»։

― Եկե՛ք ապաշխարողների աթոռը, եկե՛ք, մեղքի՛ց սևացածներ (ամեն), եկեք, հիվանդնե՛ր ու տառապյալներ (ամեն), եկե՛ք կաղե՛ր, կույրե՛ր ու խեղանդամներ (ամեն), եկե՛ք, ծանրաբեռնվածե՛ր ու կարիքավորնե՛ր՝ ամոթի մեջ թաղված (ա֊ա֊ամեն)։ Թող գան բոլոր նրանք, որ հոգնել, արատավորվել ու տառապում են։ Եկե՛ք, հոգեպե՛ս ընկճվածներ, եկեք զղջացող սրտով, եկեք ցնցոտիներով, կեղտոտված, հանցավոր։ Մաքրող ջուրը ազատ հոսում է, արքայության դուռը բաց է։ Ո՜հ, նե՛րս մտեք և հանգստացե՛ք (ա֊ա֊մեն, փա՛ռք քեզ, տե՛ր, փա՛ռք, ալելո՜ւիա)։

Եվ այսպես շարունակ։ Լացի ու աղաղակի պատճառով այլևս հնարավոր չէր հասկանալ քարոզչի ասածները։ Մարդիկ խմբերով տեղներից վեր էին կենում ու արցունքներ հեղեղելով, ամբողջ ուժով շարժվում դեպի սգավորների նստարանները։ Եվ երբ սգավորները խառնվեցին առաջին նստարանների շուրջը, բոլորն սկսեցին երգել, աղաղակել, իրենց գցել ծղոտի վրա։ Կարծես խելագարված ու ցնորված լինեին։

Դեռ գլխի չէի ընկել, թե ինչ է դա, երբ թագավորը նույնպես միացավ ապաշխարողներին և բոլորից բարձր աղաղակեց։ Այնուհետև նա բարձրացավ բեմ։ Քարոզիչը խնդրեց նրան խոսել ժողովրդի հետ, և նա խոսեց։ Նա ասաց ժողովրդին, որ ինքը երեսուն տարի ծովահեն է եղել Հնդկական օվկիանոսում։ Իր ընկերների շարքերը զգալիորեն նոսրացել էին անցյալ գարնանը, ճակատամարտում։ Ինքը վերադարձել է տուն նոր մարդիկ հավաքելու, բայց, փառք աստծո, անցյալ գիշեր իրեն կողոպտեցին մի շոգենավի վրա և ափ նետեցին առանց մի ցենտ անգամ գրպանում թողնելու։ Ինքը դրա համար ուրախ է։ Դա իր հետ պատահած ամենաօրհնյալ բանն է, որովհետև այժմ փոխված մարդ է և իր կյանքում առաջին անգամ իրեն երջանիկ է զգում։ Եվ որքան էլ ինքը աղքատ լինի, անմիջապես գնալու է Հնդկական օվկիանոս և իր կյանքի մնացած մասը նվիրելու է ծովահեններին ճշմարիտ ուղու վրա բերելու նպատակին, որովհետև ինքն այդ բանն ավելի լավ կանի, քան որևէ մեկ ուրիշը, այնքան, որքան ծանոթ է այդ օվկիանոսի բոլոր ծովահենային խմբերին։ Թեև առանց դրամի երկար ժամանակ է պետք այնտեղ հասնելու, բայց մի կերպ կհասնի և ամեն անգամ, երբ համոզի մի ծովահենի, կասի նրան․ «Ինձանից շնորհակալ մի՛ լինիր, ինձ պատիվ մի՛ արա․ այդ ամենը պատկանում է Փոքվիլի բացօթյա ժողովարանի մարդկանց՝ մարդկային ցեղի իսկական եղբայրներին ու բարերարներին, այնտեղի սիրելի քարոզչին՝ ամեն մի ծովահենի հավատարիմ բարեկամին»։

Արցունքները ողողեցին նրա այտերը, արտասվեցին նաև լսողները։ Այնուհետև մեկը բարձրաձայն գոչեց․

― Նրա համար հանգանակությո՜ւն կազմակերպենք, հանգանակությո՜ւն։

Հինգ֊վեց մարդ առաջ նետվեցին այդ նպատակի համար, բայց մեկը կանչեց․

― Թող նա ինքը մոտենա մարդկանց՝ գլխարկը բռնած։

Բոլորը համաձայնեցին այդ առաջարկությանը, որոնց թվում և քարոզիչը։

Թագավորը գլխարկը բռնած՝ անցավ ամբոխի միջով, աչքերը սրբելով, օրհնելով ու գովաբանելով ժողովրդին և շնորհակալություն հայտնելով, որ այդքան բարի էին հեռավոր ծովերում թափառող ծովահենների նկատմամբ։ Գեղեցիկ աղջիկները, արցունքներն աչքերից գլորելով, շուտ֊շուտ վեր էին կենում տեղներից և խնդրում թագավորին, որ թույլ տա համբուրեն իրեն, որպեսզի հիշի իրենց։ Իսկ թագավորը թույլ էր տալիս։ Աղջիկներից մի քանիսը ողջագուրվեցին ու համբուրեցին նրան հինգ֊վեց անգամ։ Նրան խնդրեցին մեկ շաբաթ մնալ իրենց մոտ, և ամեն ոք ուզում էր, որ իր տանը մնա, ասելով, որ դա իրենց համար պատիվ է։ Բայց նա ասաց․ քանի որ դա բացօթյա ժողովարանի վերջին օրն է, ուստի իր մնալը օգուտ չունի, բացի այդ, ինքը չի համբերում․ ուզում է անմիջապես Հնդկական օվկիանոսը գնալ, որ գործի անցնի հօգուտ ծովահենների։

Երբ վերադարձանք լաստը, և նա հաշվեց դրամը, պարզվեց, որ հավաքել է ութսունյոթ դոլար և յոթանասունհինգ ցենտ։ Բացի այդ, անտառով անցնելիս, սայլի տակից թռցրել էր վիսկիով լիքը երեք գալոնանոց[13] մի աման։ Թագավորն ասաց, որ եթե այդ բոլորը միասին վերցնենք, ապա դա ավելի շատ կլինի, քան նա երբևէ ձեռք է բերել միսիոներական աշխատանքով։ Ասաց, որ խոսելն իմաստ չունի․ հեթանոսները ծովահենների հետ չեն կարող համեմատվել բացօթյա ժողովարաններում գործ տեսնելու մեջ։

Նախքան թագավորի գալը դուքսը կարծում էր, թե ինքը բավական գործ է տեսել, բայց նրա գալուց հետո իր կարծիքը փոխեց։ Դուքսը տպարանում շարել ու տպել էր երկու փոքրիկ գործ՝ ագարակատերերի համար՝ ձիու վաճառքի ծանուցագրեր, և դրա համար ստացել էր չորս դոլար։ Վերցրել էր տասը դոլարի ռեկլամային գործ՝ լրագրի համար, և ասել, որ դա կանի չորս դոլարով, եթե վճարը կանխիկ լինի, և պատվիրատուները համաձայնել էին։ Թերթի բաժանորդագրությունը տարեկան երկու դոլար էր, իսկ նա երեք բաժանորդագրություն ընդունել էր կեսական դոլարով, պայմանով, որ կանխիկ վճարեն։ Բաժանորդներն առաջարկել էին սովորականի նման վճարել փայտով ու սոխով, բայց դուքսը ասել էր, որ տպարանը նոր է գնել, գինը կարելվույն չափ իջեցրել է և այժմ ուզում է միայն կանխիկ դրամ։ Նա շարել էր և մի բանաստեղծություն, որ ինքն էր հորինել՝ անուշ ու թախծալի։ Բանաստեղծությունը կոչվում էր․ «Այո, սա՛ռն աշխարհ, ճզմի՛ր այս հիվանդ, խորտակված սիրտը»։ Եվ նա շարել, պատրաստ պահել էր թերթում տպելու համար, և դրա համար վճար չէր ուզում։ Ինչ֊որ է, նա ձեռք էր բերել ինն ու կես դոլար և ասում էր, որ ամբողջ օրը քրտինք է թափել։

Նա մեզ ցույց տվեց նաև մի այլ փոքրիկ գործ, որ տպել էր առանց վճարի, որովհետև մեզ համար էր։ Նկարված էր փախած մի նեգր, փայտի ծայրին անցկացրած մի կապոց գցած ուսին։ Տակը գրված էր «200 դոլար վարձատրություն»։ Այդ կատարել էր Ջիմի համար և մանրամասնորեն նկարագրել նրան։ Գրված էր, որ անցյալ ձմեռ նա փախել է Սենտ֊Ժաքի տնկարաններից, Նոր Օռլեանից քառասուն մղոն ներքև, և հավանորեն ուղղություն է վերցրել դեպի հյուսիս։ Ով բռնի և վերադարձնի, կստանա խոստացված վարձատրությունն ու ճանապարհածախսը։

― Այժմ, ― ասաց դուքսը, ― այս գիշերից հետո մենք կարող ենք ցերեկները նավարկել, եթե ուզենանք։ Հենց որ տեսնենք մեկը գալիս է, կարող ենք կապել Ջիմի ձեռքերն ու ոտքերը, գցել հյոուղակը, ցույց տալ այս հայտարարությունն ու ասել, թե բռնել ենք գետով բարձրանալիս և միջոցներ չունեալու պատճառով շոգենավով գնալ չենք կարող, ուստի մեր ծանոթներից ապառիկ վերցրել ենք այս լաստը և գնում ենք վարձատրություն ստանալու։ Ավելի հարմար կլիներ ձեռնաշղթաներ ու ոտնակապանք տեսնեին Ջիմի վրա, բայց դա մեր պատմությանը հարմար չէր․ չէ՞ որ մենք ասում ենք, թե աղքատ ենք, իսկ դա գոհարեղենի տպավորություն կթողներ։ Ամենահարմարը պարանն էր։ Պետք է պահպանել միօրինակությունը, ինչպես ասում են բեմի մարդիկ։

Մենք բոլորս ասացինք, որ դուքսը շատ խելոք է մտածել, և այլևս վտանգ չի կարող սպառնալ ցերեկային ճանապարհորդությանը։ Այդ գիշերը որոշեցինք հեռանալ, ազատվել այն աղմուկից, որ, մեր կարծիքով, դքսի տպարանային գործունեությունը կարող էր առաջ բերել այդ փոքրիկ քաղաքում։ Այնուհետև կարող էինք ազատ, գոռալով շարժվել առաջ, երբ ուզենայինք։

Մենք լուռ կուչ եկանք մի տեղ և չերևացինք մինչև ժամը տասը։ Ապա լողացինք առաջ, քաղաքից բավական հեռու։ Լաստի վրա լապտեր չկախեցինք, մինչև լիովին դուրս եկանք քաղաքի տեսողության դաշտից։

Երբ ժամը չորսին Ջիմն արթնացրեց ինձ, որ իրեն փոխարինեմ, ասաց․

― Հեք, քո կարծիքով, այս ճանապարհորդության ընթացքում էլի՞ թագավորների կհանդիպենք։

― Ոչ, հազիվ թե, ― պատասխանեցի ես։

― Լավ, ուրեմն շատ լավ է։ Մեկ֊երկուսը բավական են։ Մեր այս թագավորը սարսափելի հարբել է, դուքսն էլ պակասը չէ։

Պարզվեց, որ Ջիմը փորձել է թագավորին ֆրանսերեն խոսեցնել, որպեսզի լսի, թե ինչի նման է այդ լեզուն, բայց թագավորն ասել է, թե այնքան երկար է մնացել այս երկրում և այնպիսի նեղությունների մեջ է ընկել, որ մոռացել է։


Գլուխ քսանմեկերորդ

Արեգակն արդեն բարձրացել էր հորիզոնն ի վեր, բայց մենք շարունակում էինք մեր ընթացքը և լաստը չէինք կապում։ Թագավորն ու դուքսը շուտով վեր կացան, թթված ու բորբոսնած, բայց երբ ջուրը թռան ու լողացան, բավական զգաստացան։ Նախաճաշից հետո թագավորը նստեց լաստի եզրին, հանեց կոշիկները, վեր քաշեց շալվարը և ոտքերը կախեց ջրի մեջ հանգստանալու։ Ապա վառեց ծխամորճն ու սկսեց անգիր անել իր դերը «Ռոմեո և Ջուլիետ»֊ից։ Երբ բավական սերտեց, դքսի հետ սկսեց փորձել։ Դուքսը ստիպված էր նորից ու նորից բացատրել, թե ինչպես է արտասանվելու ամեն մի բառը, սովորեցնում էր հառաչել, ձեռքը սրտի վրա դնել։ Շատ չանցած ասաց, որ թագավորն արդեն բավական լավ է կատարում։

― Միայն թե, ― ասաց նա, ― չպետք է այդպես բառաչեք «Ռոմեո՜», ինչպես ցուլը։ Պետք է մեղմ ասեք, աղջկա տկար, նվաղուն ձայնով, այ, այսպես․ «Ռո֊ո֊մե՜ո․ չէ՞ որ Ջուլիետը սիրելի, անուշիկ աղջիկ է, դեռ երեխա, և էշի պես չի զռա։

Այնուհետև նրանք դուրս քաշեցինք երկար սրերը, որ դուքսն էր պատրաստել կաղնու տախտակից, և սկսեցին սուսերամարտի վարժություններ անել Դուքսն իրեն անվանեց Ռիչարդ III։ Սքանչելի էր նայել, թե ինչպես են նրանք ցատկոտում լաստի վրա։ Բայց շուտով թագավորը սայթաքեց և ընկավ ջուրը։ Նրանք դադար առան ու խոսեցին ամեն տեսակ արկածներից, որ անցյալում ունեցել էին այդ նույն գետի վրա։

Ճաշից հետո դուքսն ասաց․

― Լավ, Կապետ,[14] մենք սա կդարձնենք առաջին կարգի ներկայացում․ ուստի կարծում եմ, որ պետք է եղածի վրա մի բան էլ ավելացնենք։ Այնպես անենք, որ ամեն կողմից «բիս» կանչեն։

― Իսկ ինչ է նշանակում «բիս», Բրիջուոթըր։

Դուքսը բացատրեց, ապա ասաց․

― Ես խոստանում եմ այնպես անել, որ «բիս» կանչեն շոտլանդական պարը կամ նավաստու՝ եղջերափողով պարը կատարելիս, իսկ դուք․․․ Լավ, պետք է մտածել․․․ ահա, գտա․․․ Դուք կարող եք կատարել Համլետի մենախոսությունը։

― Համլետի ի՞նչը։

― Համլետի մենախոսությունը, ամենահռչակավո տեղը Շեքսպիրի գործերում։ Օ՜, գերազանց բան է, գերազանց։ Միշտ հմայում է մարդկանց։ Այս գրքում չկա, ունեցածս միայն մեկ հատ է, բայց կարող եմ հիշողությամբ վերականգնել։ Մի րոպե լաստի վրա քայլեմ ետ ու առաջ, տեսնեմ՝ կարո՞ղ եմ վերականգնել հիշողությանս նկուղում։

Նա սկսեց քայլել ետ ու առաջ, երբեմն մտածելով ու սարսափելի խոժոռելով դեմքը։ Բարձրացնում էր հոնքերը, ձեռքը սեղմում ճակատին ու երերալով ետ դառնում, հեծեծում, հառաչում, ապա մի կաթիլ արցունք գլորում աչքերից։ Սքանչելի էր նրան նայելը։ Շուտով վերհիշեց և ասաց մեզ, որ ուշադիր լսենք։ Չափազանց վեհ կեցվածք ընդունեց, մի ոտքն առաջ պարզած, ձեռքերը վեր տարածած, գլուխը ետ պահած, նայելով երկնքին։ Այնուհետև սկսեց գոռալ, զառանցել, ատամները կրճտացնել, ապա, իր ամբողջ արտասանության ընթացքում, կաղկանձել, շուռումուռ գալ, կուրծքը ուռեցնել։ Մի խոսքով՝ գերազանցեց իմ երբևէ տեսած դերասաններին։ Ահա նրա ելույթը, որ ես հեշտությամբ անգիր արեցի, երբ նա դա սովորեցնում էր թագավորին.


Լինել, թե չլինել, այդ է մերկ դաշույնը,
Որ այսչափ երկար տևել է տալիս թշվառությանը,
Թե ոչ, ո՞վ կուզեր, մինչև Բիրմանի անտառը հասներ Դունսինյան,
Եթե երկյուղը ինչ֊որ մի բանի մահվանից հետո,
Մակբեթը հիմա քունն սպանում է, խեղճ անմեղ քունը,
Մեծ բնության երկրորդ ընթացքը։
Եվ ստիպում է մեզ տանել գոռ բախտի պարսպաքարերը և սլաքները,
Քան թե սավառնել դեպի նոր ցավեր, որոնց անգետ ենք․
Ահա, ինչ֊որ մեզ խորհել պետք է տա, այս նկարում է։
Զարկի՛ր, Դունկանին արթնացնելու չափ։ Ա՜խ, երանի՜ թե կարողանայիր։
Թե ոչ ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել
Այնքան նախատինքներին ու մտրակներին,
Հարստահարիչի անիրավության,
Մեծամիտ մարդու արհամարհանքին,
Օրենքի բոլոր ձգձգումներին։
Մեռելային կեսգիշերին, երբ գերեզմանոցն է հորանջում՝
Հանդիսավոր սև զգեստներ հագած։
Բայց այդ չհայտնագործված երկիրը, որի ծննդից
Ոչ մի ճանապարհորդ ետ չի դարձել դեռ,
Արտաշնչում է վարակ աշխարհի վրա,
Եվ հեց այս կերպով վճռականության բնածին գույնը
Ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից։
Եվ բոլոր ամպերը, որ իջնում են մեր տանիքների վրա,
Եվ շատ ձեռնարկներ, մեծ ու կարևոր,
Շեղվում են այսպես իրենց հոսանքից
Եվ գործ կոչվելու անարժան դառնում։
Մի վախճան է դա՝ հոգով բաղձալի։
Բայց կա՛ց, ո՞վ է այս, սիրուն Օֆելիան։
Ծանր մարմարե ծնոտները քո միշտ փակված պահիր,
Մտի՛ր կուսանոց, գնա՛, մնաս բարով։[15]


Ծերունուն դուր եկավ մենախոսությունը, և շուտով նա այնպես սերտեց, որ կարող էր անգիր ասել։ Կարծես հենց դա արտասանելու համար էր ծնված։ Երբ նա վարժվեց ու իրեն ազատ զգաց, սքանչելի էր նայել, թե արտասանությամբ տարվելով՝ ինչպես էր գոռում, ինքն իրեն բզկտում, մռնչում։

Առաջին հարմար առիթով դուքսը պատրաստեց տպագիր աֆիշներ։ Այնուհետև երկու֊երեք օր շարունակեցինք մեր նավարկությունը․ լաստն անսովոր կերպով աշխույժ տեղ էր դարձել, որովհետև այնտեղ ուրիշ ոչինչ չկար, բացի անվերջանալի սուսերամարտից ու դերասանական փորձերից (ինչպես այն անվանում էր դուքսը)։ Մի առավոտ, երբ բավական իջել էինք Արքանզասի նահանգի ափերով, նկատեցինք մի շատ փոքրիկ քաղաք մեծ ոլորանի վրա։ Քաղաքից երեք քառորդ մղոն վեր լաստը կապեցինք գետաբերանում, որը երկու կողմից նոճիներով փակված էր, ինչպես թունել, և բոլորս, բացի Ջիմից, մակույկով իջանք ներքև տեսնելու, թե այդտեղ հնարավորություն կա՞ ներկայացում տալու։

Մենք շատ բախտավոր էինք․ այդ օրը ճաշից հետո մի կրկես էր ելույթ ունենալու, և գյուղական ժողովուրդն ամեն տեսակի հին, ճռճռան սայլերով ու ձիերով արդեն հոսում էր քաղաք։ Կրկեսը մինչև երեկո գնալու էր այդտեղից, և մեր ներկայացումը շատ լավ հեռանկար ուներ։ Դուքսը վարձեց դատարանի դահլիճը, իսկ մենք սկսեցինք պատերին փակցնել աֆիշները։ Աֆիշը գրված էր այսպես․

Շեքսպիրի վերածնունդը
Զարմանալի տեսարաններ
Միայն մեկ ներկայացում

մասնակցությամբ համաշխարհային ողբերգակներ

Դևիդ Գարրիկ Կրտսերի (Լոնդոնի Դրուրի
Լեյն թատրոնից)
և Էդմունդ Քին Ավագի (Արքայական թատրոն) Ուայթչեփըլ, Փուդդինգ Լեյն, Փիքադիլլի, Լոնդոն և Եվրոպայի
արքայական թատրոնների շեքսպիրյան անզուգական ներկայացումից ցուցադրվում է
Պատշգամբի տեսարանը
«Ռոմեո և Ջուլիետ֊ից
Ռոմեո . . . . . . միստր Գարրիկ
Ջուլիետ ․ ․ ․ ․ միստր Քին
Մասնակցությամբ ողջ խմբի։
Նոր կոստյումներ, նոր դեկորացիաներ, նոր ձևավորումներ։
նաև
Սարսռեցուցիչ, հմուտ, արյունռուշտ
Սուսերամարտը
Ռիչարդ III֊ից
Ռիչարդ ․ ․ ․ ․ ․ միստր Գարրիկ
Ռիչմոնդ ․ ․ ․ ․ ․ միստր Քին
ինչպես և
(Հատուկ պահանջի դեպքում)
Համլետի անմահ մենախոսությունը
հռչակավոր Քինի կատարամամբ
(Փարիզում հաջորդաբար կատարվել է 300 անգամ),
միայն մեկ ներկայացում
(Եվրոպայում հրամայաբար ներկայացումների գնալու պատճառով)
Տոմսի գինը 25 ցենտ, երեխաների և ծառաների համար 10 ցենտ։


Դուրս եկանք քաղաք թափառելու։ Խանութները և տները հին ու խարխուլ էին․ փայտե չորացած շենքեր, որ երբեք չէին ներկվել։ Դրանք կառուցված էին ցցերի վրա, գետնից երեք֊չորս ոտնաչափ բարձր, որպեսզի ջուրը ներս չլցվեր, երբ գետը վարարեր։ Տները շրջապատված էին փոքրիկ պարտեզներով, բայց հազիվ թե գժախոտից ու արևածաղկից բացի, որևէ բան այնտեղ աճեր։ Այս ու այն կողմ երևում էին աղբի, մոխրի կույտեր, հին կոշիկներ, ջարդված շշեր, ցնցոտիներ, թիթեղյա մաշված, ժանգոտած ամաններ։ Ցանկապատերը պատրաստված էին տարբեր տախտակներից, որ անկանոն իրար էին մեխել տարբեր ժամանակներում։ Կային և դարպասներ, որոնք ընդհանրապես մեկական ծխնի ունեին, այն էլ կաշվե փոկից։ Ցանկապատերից մի քանիսը սպիտակեցրած էին անցյալում, տարբեր ժամանակներում։ Դուքսն ասում էր, որ հավանորեն դրանք Կոլումբոսի օրերում են շինել։ Պարտեզներում երևում էին խոզեր, որոնց այնտեղից դուրս էին քշում։

Բոլոր խանութները շարված էին մեկ փողոցի երկարությամբ։ Նրանց դիմաց կային սպիտակ փոքրիկ վրաններ։ Եկվոր գյուղացիներն այդ վրանիկների սյուներից կապում էին իրենց ձիերը։ Վրանիկների տակ շարված էին մանածեղենի դատարկ արկղեր։ Պարապ մարդիկ ամբողջ օրը թառում էին դրանց վրա և «Բարլո» ֆիրմայի արտադրած գրպանի դանակներով տաշում դրանք, ծխախոտ ծամում, բերանները լայն բացած հորանջում, ձգվում։ Կատարյալ անպետք մարդիկ։ Նրանք ընդհանրապես դնում էին ծղոտե դեղին գլխարկներ, գրեթե հովանոցի մեծության, բայց բաճկոն կամ բաճկոնակ չէին հագնում։ Նրանք իրար կանչում էին Բիլ, Բաք, Հենք, Ջո, Էնդի, խոսում էին ծուլորեն ու բառերը ծամծմելով, առատ օգտագործելով հայհոյանքներ։ Յուրաքանչյուր սյան հենված էր մի ժամավաճառ, ձեռքերը գրեթե միշտ շալվարի գրպանները դրած, եթե հաշվի չառնենք այն դեպքերը, երբ դուրս էին հանում գլուխները քորելու կամ մեկին ծամելու ծխախոտ տալու։ Շարունակ կարելի էր լսել միևնույն բանը․

― Ինձ փոխարինաբար ծամելու ծխախոտ տուր, Հենք։

― Չեմ կարող, ընդամենը մի ծամելիք է մնացել։ Բիլից ուզիր։

Գուցե Բիլը տա, գուցեև ստի և ասի, թե չկա։ Այդ ժամավաճառների մի մասը ոչ մի ցենտ դրամ չունի, ոչ էլ սեփական ծխախոտ․ ծամելու ամբողջ ծխախոտը սրանից նրանից են ուզում։ Այսպես են սկսում․

― Ուզում եմ փոխարինաբար քիչ ծխախոտ տաս, Ջեկ։ Հենց նոր իմ վերջին ծխախոտը Բեն Թոմփոսոնին տվեցի։

Դա գրեթե միշտ սուտ է։ Նրանք կարող են խաբել միայն անծանոթ մարդկանց, բայց Ջեկն անծանոթ չէ և պատասխանում է․

― Վերջին ծխախոտդ նրան տվեցիր, ասում ես։ Բայց դու չես տվել, քրոջդ կատվի տատիկն է տվել։ Դու վերադարձրու այն ծխախոտը, որ հաճախ վերցրել ես ինձնից, Լեյֆ Բաքներ, որից հետո ես փոխ կտամ քեզ մեկ֊երկու տոննա ծխախոտ, ստացական էլ չեմ վերցնի։

― Մի մասը վերադարձրել եմ, չէ՞։

― Այո, վերադարձրել ես․ վեց ծամելիք։ Բայց դու վերցրել ես խանութից գնված ծխախոտ և վերադարձրել ես նեգրի գլխի պես սև ծխախոտ։ Խանութի ծխախոտը տափակ, խցանման սև բան է, բայց այս մարդկանց մեծ մասը ծամում են փաթաթած բնական տերևներ։ Եթե փոխարինաբար տալիս են մի ծամելիք, սովորաբար դանակով չեն կտրում, այլ խցանը դնում են ատամների տակ, կտրում, ձեռքով քաշում, մինչև երկու կես են անում։ Երբեմն փոխ տվողը ողբալի տեսք է ստանում, երբ վերադարձնում են տվածի կեսը և հեգնական եղանակով ասում․

― Խցանը քեզ, ինչ որ վերցրիր ծամելու համար, ա՛յն տուր։

Բոլոր փողոցները և նրբանցքները ցեխի մեջ կորած էին։ Ցեխից բացի ոչինչ չկար․ ձյութի պես սև ցեխ, տեղ֊տեղ մեկ ոտնաչափ խորությամբ, իսկ ընդհանրապես երկու կամ երեք ոտնաչափ։ Ամենուրեք թափառում ու խռնչում էին խոզերը։ Երևում էր ցեխաթաթախ մի մայր խոզ իր խոչկորների հետ։ Մայր խոզը ծուլորեն շարժվում էր փողոցով և թավալվում հենց ճանապարհին։ Մարդիկ ստիպված շրջանցում էին։ Խոզը փռվում էր գետին ու փակում աչքերը, շարժում ականջները, երբ խոզուկները կաթ էին ծծում և այնպես երջանիկ տեսք էր ընդունում, կարծես դրա համար վճարում էին։

Շուտով կլսեիք մի ժամավաճառի գոռոցը․ նա շանը քսի էր տալիս խոզի վրա։ Սա վեր էր կենում ու հեռանում, սարսափելի ճղճղալով, ամեն ականջի մոտ մեկ֊երկու շուն, երեք֊չորս դյուժին էլ հետևից։ Այդ ժամանակ կարելի էր տեսնել, թե ինչպես ժամավաճառները վեր էին կենում, դիտում տեսարանն ու ծիծաղում։ Երևում էր, որ այդ աղմուկը մեծ բավականություն էր պատճառում նրանց։ Հետո նորից նստում էին տեղները, մինչև սկսվում էր շների գզվռտոցը։ Ոչինչ չէր կարող նրանց այնպես հետաքրքրել և ուրախացնել, ինչպես շների կռիվը։ Դրան գերազանցում էր միայն այն, որ նրանք թափառող շան վրա բևեկնախեժ էին քսում ու կրակ տալիս կամ թիթեղյա մի դույլ կապում պոչից ու բաց թողնում։ Շունը վազում էր մինչև ուժասպառ վայր ընկներ։

Գետափին մի քանի տներ ցցվել էին թմբի վրա և թեքվել առաջ, պատրաստ փուլ գալու գետի մեջ։ Մարդիկ այլևս չէին բնակվում դրանց մեջ։ Տներից մի քանիսի անկյունների տակը դատարկվել, նկուղ էր դարձել և տան անկյունը կախվել էր օդում։ Դրանց մեջ դեռ մարդիկ կային, բայց վտանգավոր է այնտեղ մնալ, որովհետև մի օր գետը կարող էր տան չափ մի հողաշերտ քշել տանել և խոռոչ առաջացնել։ Երբեմն քառորդ մղոն լայնությամբ հողաշերտի տակը սկսում է դատարկվել, մինչև մի ամառ ամբողջ շերտը նստում է։ Այսպիսի քաղաքը պետք է միշտ նահանջի, որովհետև գետը միշտ կրծում է նրա եզրը։

Որքան ժամը տասներկուսը մոտենում էր, այնքան փողոցներում մեծանում էր սայլերի ու ձիերի թիվը, որոնք ավելի ու ավելի մեծ հոսանքով գալիս էին քաղաք։ Շատ ընտանիքներ գյուղերից ճաշը բերում էին իրենց հետ և ուտում սայլերի վրա։ Վիսկի էլ բավական առատ էին խմում, և ես տեսա երեք կռիվ։ Շուտով մեկը կանչեց․

― Տեսեք ծերուկ Բոգսին։ Ամիսը մեկ միշտ գալիս է գյուղից՝ հարբելու։ Ահա, տղերք, գալիս է։

Բոլոր ժամավաճառների դեմքերն ուրախությունից փայլեցին։ Մտքովս անցավ, որ երևի այս մարդկանց սովորությունն է Բոգսի հետ կատակել։ Նրանցից մեկն ասաց․

― Հետաքրքիր է, թե այս անգամ ո՞ւմ է ջարդելու։ Եթե ջարդեր բոլոր նրանց, որոնց ուզել է ջարդել վերջին քսան տարում, այժմ մեծ համբավ ձեռք բերած կլիներ։

Մի ուրիշն ասաց․

― Ես կուզենայի, որ ծերուկ Բոգսն սպառնար ինձ։ Այդ դեպքում ես կիմանայի, որ հազար տարի չեմ մեռնի։

Բոգսը գալիս էր ձին սրընթաց քշելով, հնդկացու նման կռնչալով ու գոռալով և բարձրաձայն կանչելով․

― Բա՛ց արեք ճանապարհը, հե՜յ։ Ես պատերազմի ճամփին եմ, դագաղի գինը շուտով կբարձրանա։

Նա հարբած էր և օրորվում էր թամբի վրա։ Տարիքը հիսունից անց էր։ Ուներ չափազանց կարմիր այտեր։ Բոլորը բղավում, ծիծաղում էին նրա վրա ու անվայել խոսքեր ասում։ Նա պատասխանելով հայհոյանքներին, ասում էր, որ ինքը նրանց էլ կհանդիպի և ցույց կտա իրենց ճանապարհը, բայց այժմ սպասել չի կարող․ քաղաք է եկել ծերունի գնդապետ Շերբուրնին սպանելու, և իր նշանաբանն է․ «Նախ մեծ գործ, ապա մանրուք»։

Նա, տեսնելով ինձ, ձին մոտ քաշեց ու ասաց․

― Որտեղի՞ց ես եկել, տղաս։ Պատրա՞ստ ես մահվան, թե՞ ոչ։

Ապա շարունակեց իր ճանապարհը։ Ես վախեցա, բայց մի մարդ ասաց․

― Նրա մտքում վատ բան չկա․ միշտ այդպես է, երբ հարբած է։ Արքանզասի ամենաուրախ ծեր հիմարն է․ ոչ ոքի չի վնասի՝ հարբած, թե զգաստ։

Բոգսը ձին քշեց քաղաքի ամենամեծ խանութի առաջ և գլուխը խոնարհեց, որպեսզի կարողանա տեսնել վրան վարագույրի տակը և կանչեց․

― Շերբո՛ւրն, դո՛ւրս արի։ Դուրս արի չափվելու այն մարդու հետ, որին շորթել ես։ Դու շուն ես, և ես եկել եմ քո հետևից, եկել եմ քեզ հետ հաշիվս փակելու։

Եվ նա այդպես շարունակեց Շերբուրնի գլխին թափել ամեն լուտանք, ինչ այդ րոպեին բերանն էր գալիս։ Ամբողջ փողոցը լցվել էր մարդկանցով, որոնք լսում, ծիծաղում ու գրգռում էին նրան։ Շուտով խանութից դուրս եկավ հպարտ կեցվածքով մի մարդ, մոտ հիսունհինգ տարեկան, այդ քաղաքում ամենալավ հագնված անձնավորությունը։ Ամբոխը երկու կողմից հետ քաշվեց, ճանապարհ բացեց։ Նա հուժկու, հանգիստ ձայնով և դանդաղ ասաց․

― Ձանձրացել եմ այս ամենից, բայց կհամբերեմ մինչև ժամը մեկը։ Մինչև ժամը մեկը, լավ լսիր։ Դրանից հետո եթե դու թեկուզ մի անգամ բերանդ բացես իմ դեմ, ապա հեռու չես գնա․ որտեղ էլ լինես, կգտնեմ քեզ։

Նա շուռ եկավ ու մտավ խանութ։ Ժողովուրդը մեկից զգաստացավ։ Ոչ ոք չէր շարժվում, ոչ ոք այլևս չէր ծիծաղում։ Բոգսն ձին քշեց հեռացավ, փողոցի երկարությամբ ամբողջ ուժով բարձրաձայն անարգելով Շերբուրնին։ Շուտով ետ դարձավ ու կանգնեց խանութի առաջ, շարունակելով հայհոյել։ Մարդիկ հավաքվեցին նրա շուրջը և փորձեցին լռեցնել, բայց նա ոչ ոքի չլսեց։ Ասացին, որ տասնհինգ րոպե հետո ժամը մեկը կլինի, և նա պետք է տուն գնա, անմիջապես։ Բայց ոչինչ դուրս չեկավ։ Նա ամբողջ ուժով շարունակեց հայհոյել, գլխարկը շպրտեց ցեխի մեջ ու ձին քշեց վրայով։ Շուտով հեռացավ, կատաղած իջնելով փողոցով, ալեխառն մազերը ցրված։ Ամեն ոք, որ հնարավորություն էր ունենում մոտենալ նրան, ամեն կերպ աշխատում էր համոզել, վայր բերել ձիուց ու փակել մի տեղ, մինչև զգաստանար, բայց անօգուտ։ Նա նորից բարձրացավ փողոցով ու մեկ էլ հայհոյեց Շերբուրնին։ Շուտով մեկն ասաց․

― Գնացեք սրա դստերը բերեք, շո՛ւտ, դստերը երբեմն լսում է։ Եթե կա մեկը, որ կարող է համոզել սրան, դա դուստրն է։

Մեկը վազելով գնաց աղջկան բերելու։ Ես մի փոքր քայլեցի փողոցն ի վար ու կանգ առա։ Մոտավորապես հինգ կամ տասը րոպե հետո նորից երևաց Բոգսը, բայց արդեն ձիու վրա չէր։ Երերալով կտրեց անցավ փողոցը և եկավ իմ կողմը, գլուխը բաց, երկու կողքերին մեկական ծանոթ մարդ, որոնք բռնած նրա թևերից շտապեցնում էին։ Նա լուռ էր, բայց երևում էր, որ անհանգիստ էր։ Ոչ ոքի չէր հենվել, ինքն էր իրեն առաջ մղում։ Մեկը բղավեց․

― Բո՛գս։

Ես նայեցի այդ կողմը տեսնելու, թե ով է կանչում։ Դա նույն գնդապետ Շերբուրնն էր։ Նա կանգնել էր փողոցում, կատարելապես խաղաղ, աջ ձեռքին մի ատրճանակ, բայց նշան չէր բռնել․ փողն ուղղել էր վեր, դեպի երկինք։ Նույն վայրկյանին տեսա մի աղջիկ, որը վազելով գալիս էր։ Նրա հետ գալիս էին երկու տղամարդ։ Բոգսն ու կողքից քայլող մարդիկ շուռ եկան տեսնելու, թե ով է կանչում։ Երբ տեսան ատրճանակը, մի կողմ քաշվեցին։ Ատրճանակի փողը դանդաղ և առանց դողդողալու իջավ, հորիզոնական դիրք ընդունեց, այնպես որ երկու փողերն էլ պատրաստ էին կրակելու։ Բոգսը ձեռքերը վեր բարձրացրած կանչեց․

― Օ՜, աստված իմ, մի՛ կրակեք։

― Բո՛ւմ, ― թնդաց առաջին կրակոցը, և Բոգսը երերալով ետ քաշվեց, ճանկերով կառչեց օդից։ ― Բո՛ւմ, ― լսվեց երկրորդ կրակոցը, և Բոգսը մեջքի վրա ընկավ գետին, ծանր ու անշարժ, թևերը տարածած։ Աղջիկը ճչալով ու վազելով նետվեց հոր վրա, աղաղակելով ու աղերսելով․

― Սպանե՜ց, սպանե՜ց հորս։

Ամբոխը հավաքվեց դիակի շուրջը։ Մեկը մյուսի ուսին հենվելով ու իրար հրհրելով, վզերն առաջ էին ձգում, փորձելով տեսնել ընկած մարդուն։ Օղակի ներսում եղած մարդիկ կանչում էին․

― Ե՛տ քաշվեք, ե՛տ քաշվեք։ Թողեք օդ շնչի, թողեք օդ շնչի։

Գնդապետ Շերբուրնը ատրճանակը շպրտեց գետին և շուռ գալով կրնկի վրա, հեռացավ։

Բոգսին տարան մի փոքրիկ դեղատուն։ Մարդիկ առաջվա նման խռնվում էին նրա շուրջը։ Ամբողջ քաղաքը հետևում էր նրանց։ Ես վազեցի և մի լավ տեղ գրավեցի պատուհանի մոտ, որտեղից տեսնում էի Բոգսին։ Շատ մոտ էի։ Սպանվածին պառկեցրին հատակին, գլխի տակ դրեցին մի մեծ Աստվածաշունչ, մի հատ էլ բաց արին ու դրեցին կրծքին, բայց ամենից առաջ պատռեցին շապիկը, և ես տեսա, թե ո՛ր տեղին է դիպել գնդակներից մեկը։ Նա մոտ տասն անգամ երկար հառաչեց։ Շունչ քաշելիս Աստվածաշունչը բարձրանում էր, արտաշնչելիս նորից իջնում։ Այնուհետև խաղաղ պառկեց․ անշնչացավ։ Դուստրը հոր վրա ընկած՝ լաց էր լինում ու ճչում։ Նրան ետ քաշեցին ու մի կողմ տարան։ Աղջիկը կլիներ մոտ տասնվեց տարեկան, անչափ դուրեկան ու հեզ դեմքով, բայց սարսափելի գունատ ու ահաբեկված։

Շուտով այստեղ հավաքվեց ամբողջ քաղաքը։ Իրար հրելով, սեղմելով, փորձում էին հասնել պատուհանին և նայել ներս, բայց այնտեղի մարդիկ չէին ուզում իրենց տեղը զիջել։ Ետևում կանգնածներն ամբողջ ժամանակ կրկնում էին միևնույն բառերը․ «Դուք, բարեկամներ, բավական նայեցիք։ Ո՛չ ճիշտ է, ո՛չ էլ լավ բան ամբողջ ժամանակ այդտեղ մնալ և ոչ ոքի հնարավորություն չտալ նայելու։ Մյուսներն էլ նույնքան իրավունք ունեն տեսնելու, որքան դուք»։

Մարդիկ իրար սկսեցին վիրավորական խոսքեր ասել, և ես դուրս թռա, մտածելով, թե կարող է անախորժ բան տեղի ունենալ։ Փողոցները լցվել էին, և բոլորը հուզված էին։ Ամեն ոք, ով ականատես էր եղել կրակոցին, պատմում էր, թե դա ինչպես կատարվեց, և ամենուրեք, որտեղ ականատեսներից մեկը պատմում էր, նրան շրջապատում էր ամբոխը, և մարդիկ, վզները երկարացրած, լսում էին։ Երկար մազերով մի բարձրահասակ ու վտիտ մարդ, խողովականման, սպիտակ մորթե մեծ գդակը ետ տված, կեռագլուխ գավազանով ցույց էր տալիս, թե որտեղ էր կանգնած Բոգսը և որտեղ՝ Շերբուրնը։ Մարդիկ, հետևելով նրա շարժումներին, փոխում էին իրենց տեղը, դիտում նրա արած ամեն մի նշանը և շարժում գլուխները։ Դրանով ուզում էին ասել, թե հասկանում են նրա բացատրությունը, ապա մի փոքր խոնարհվում էին, ձեռքերը հենում կողքերին և դիտում նրա գավազանի ցույց տված տեղերը։ Այնուհետև նա կանգնեց ուղիղ ու պիրկ, որտեղ կանգնած էր Շերբուրնը, խոժոռված ու գլխարկի եզրը աչքերին քաշած՝ բղավեց «Բո՛գս», գավազանը դանդաղ իջեցրեց, բռնեց այն, գոռաց «բո՛ւմ», երերալով ետ շարժվեց, նորից գոռաց «բո՛ւմ» և ընկավ մեջքի վրա։ Նրանք, որոնք տեսել էին այդ դեպքը, ասում էին, թե նա պատմեց ճիշտ այնպես, ինչպես պատահել էր։ Տասը մարդ դուրս քաշեցին խմիչքի շշերը և հյուրասիրեցին նրան։

Շուտով մեկը բղավեց, թե պետք է Շերբուրնին լինչի դատաստանի ենթարկել։ Չանցավ մեկ րոպե, երբ բոլորն սկսեցին նույն բանն ասել, կատաղած ու գոռալով հեռացան, իրենց զգեստներից պոկելով բոլոր կապերը, որոնցով կախելու էին Շերբուրնին։


Գլուխ քսաներկուերորդ

Մարդիկ խառնիխուռն շարժվեցին դեպի Շերբուրնի տունը, աղաղակելով ու մոլեգնելով, ինչպես հնդիկները, և ճանապարհին ամեն ոք կամ պետք է հեռանար նրանց առջևից, կամ էլ ոտքի տակ ընկներ, բլիթ դառնար։ Սարսափելի տեսարան էր։ Երեխաները ճչալով գնում էին առջևից, ջանալով դուրս գալ ճանապարհից։ Ամեն մի պատուհանի առջև երևում էին կանանց բազմաթիվ գլուխներ, ամեն ծառի վրա բարձրացել էին մի քանի նեգր տղա, ցանկապատերի ետևից նայում էին չափահաս նեգրեր ու նեգրուհիներ, և հենց որ ամբոխը մոտենում էր, նրանք ետ էին քաշվում, որ ձեռք չհասներ իրենց։ Բազմաթիվ կանայք ու աղջիկներ լաց էին լինում, խոսում անզուսպ հուզմունքով, մեռնելու չափ վախեցած։

Բազմությունը հավաքվեց Շերբուրնի տան ցանկապատի առջև։ Մարդիկ որքան կարող էին, սեղմվում էին իրար, և աղմուկն այնքան մեծ էր, որ ոչ ոք չէր կարող իր ասածը լսել։ Բակը փոքր էր, քսան ոտնաչափից ոչ ավելի։ Ինչ֊որ մեկը գոռում էր․

― Քանդեցե՛ք ցանկապատը, քանդեցե՛ք ցանկապատը։

Սկսվեց քանդելու, խորտակելու, փուլ տալու աղմուկը։ Շուտով պատը գետնին հավասարվեց, և մարդկային առաջին պատնեշը ալիքի նման խուժեց ներս։

Հենց այդ պահին Շերբուրնը դուրս եկավ իր փոքրիկ նախագավթի տանիքը, երկփողանի հրացանը ձեռքին, և լիովին հանգիստ ու լրջախոհ կանգ առավ, առանց մի բառ արտասանելու։ Ժխորը դադարեց և մարդկային ալիքը մի փոքր ընկրկեց։

Շերբուրնը ոչ մի բառ չասաց․ միայն կանգնած նայում էր։ Լռությունն ահավոր էր, քստմնելի ու ճնշող։ Շերբուրնը հայացքով չափեց բոլորին։ Որտեղ նրա հայացքը կանգ էր առնում, մարդիկ վախվխելով աշխատում էին նայել մի այլ ուղղությամբ, բայց չէին կարողանում և խեղճացած նայում էին գետնին։ Շուտով Շերբուրնը քմծիծաղ տվեց, իհարկե, ոչ հաճելի, այլ այնպես, որ մարդ կարծես ավազոտ հաց է ուտում։ Ապա ցածրաձայն և արհամարհանքով ասաց․

«Պատկերացրու, որ սրանք կարող են որևէ մեկին լինչի դատաստանի ենթարկել․ զվարճալի՜ միտք է։ Պատկերացրու, որ այս մարդիկ այնքան լեղի ունեն, որ մարդկանց լինչի դատաստանի են ենթարկում։ Դուք քաջ եք միայն այս տեղերով անցնող, փողոց շպրտված, խեղճ, անօգնական կանանց մրոտելու, խոշտանգելու համար։ Մի՞թե դա ձեզ հիմք է տալիս մտածելու, թե դուք այնքան արիություն ունեք, որ կարող եք տղամարդու վրա ձեռք բարձրացնել։ Ձեզ նման տասը հազար հոգու ձեռքն ընկած մարդը կարող է ապահով զգալ իրեն այնքան ժամանակ, քանի դեռ լույս է, դուք էլ նրա թիկունքում չեք։ Մի՞թե ես ձեզ չեմ ճանաչում։ Ձեզ լա՜վ գիտեմ։ Ծնվել և մեծացել եմ Հարավում, ապրել Հյուսիսում։ Այնպես որ միջին մարդուն ճանաչում եմ ամենուրեք։ Միջին մարդը վախկոտի մեկն է։ Հյուսիսում նա ում ասես թույլ կտա իրեն ոտնակոխ անել, եթե այդ մարդն այդպես է ուզում, ապա տուն գնում ու աղոթում հանուն խոնարհ ոգու, որպեսզի դիմանա այդ անարգանքին։ Հարավում մի մարդ մեն֊մենակ, օրը ցերեկով կանգնեցրել է լեփ֊լեցուն փոխադրակառքը և կողոպտել։ Ձեր լրագրերը ձեզ այնքան քաջ են անվանել, որ դուք կարծում եք, թե ուրիշներից քաջ եք, մինչդեռ նույնքան քաջ եք, որքան ուրիշները, ոչ ավելի։ Ինչո՞ւ ձեր դատավորները մարդասպաններին կախաղանի չեն դատապարտում։ Որովհետև վախենում են, թե դատապարտյալի բարեկամները մութ գիշերով թիկունքից կսպանեն իրենց։ Ահա, նրանց արածն այդ է, ուրիշ ոչինչ։

Նրանք միշտ ազատ են արձակում մարդասպանին։ Այնուհետև մի իսկական տղամարդ գիշերը գնում է, թիկունքում ունենալով դիմակավորված հարյուր վախկոտ մարդ, և լինչի դատաստանի է ենթարկում սրիկային։ Ձեր սխալն այն է, որ ձեզ հետ ոչ մի իսկական տղամարդ չեք բերել, մյուս սխալը, որ գիշերվա մթնով չեք եկել և դիմակ չունեք։ Ձեզ հետ բերել եք մի կիսամարդ՝ Բաք Հարքնեսին։ Ահա, այնտեղ կանգնած է։ Եվ եթե ձեր մեջ չլիներ նրա նման մեկը, որը ձեզ շարժման մեջ դներ, դուք այդ հարցը կփակեիք միայն աղմկելով։

Դուք չեք ցանկացել գալ։ Միջին մարդը չի սիրում խռովություն ու վտանգ։ Բայց եթե մի կես մարդ, ինչպես Բաք Հարքնեսն է, կանչի․ «Լինչի դատաստանի՜ ենթարկել, լինչի՜ դատաստանի ենթարկել», դուք կվախենաք ետ կանգնել, կվախենաք, թե պարզվի այն, ինչ կա իրականում․ կպարզվի ձեր վախկոտությունը։ Եվ այդ է պատճառը, որ այսպիսի ոռնոց եք բարձրացրել, կախվում եք այդ կիսամարդու բաճկոնակի փեշից, զայրացած գալիս եք, երդվում, թե մեծ սխրագործություններ եք կատարելու։ Աշխարհում ամենաողբալի բանն ամբոխն է։ Բանակն էլ ամբոխ է։ Զինվորները չեն կռվում իրենց ներքին արիությամբ․ այդ արիությունը նրանք ստանում են իրենց մեծ քանակից և սպաներից։ Բայց ամբոխը առանց ղեկավարի ողորմելի բան է և ավելի վատ։ Այժմ մնում է, որ պոչներդ քաշեք, գնաք տուն ու սողաք ձեր բները։ Եթե իրոք պետք է տեղի ունենա լինչի դատաստան, ապա այդ պետք է տեղի ունենա մթության մեջ, Հարավի ձևով․ դիմակներ են պետք, ինչպես և մի տղամարդ։ Այժմ գնացեք և ձեզ հետ տարեք այս կես֊մարդուն։

Այս ասելով նա առաջ մեկնեց երկփողանի հրացանը և լարեց հրահանը։ Ամբոխը մեկից ընկրկեց, և մարդիկ ցրվեցին։ Ի վերջո գնաց և Բաք Հարքնեսը՝ կատարելապես նվաստացած։ Ես կարող էի մնալ, եթե ուզենայի, բայց չուզեցի։

Ես գնացի կրկես և քարշ եկա դռների ետևում, մինչև եկավ պահակը։ Թաքնվեցի վրանի տակ։ Ինձ մոտ կար քսան դոլարանոց մի ոսկի։ Ուրիշ փող էլ կար, բայց մտածում էի, թե ավելի լավ է դա պահեմ։ Ի՞նչ իմանայի, թե ե՛րբ պետք կգա, այն էլ այստեղ, տնից այնքան հեռու և օտար մարդկանց մեջ։ Նման դեպքերում պետք է շատ զգույշ լինել։ Ես դեմ չեմ կրկեսի համար դրամ ծախսելուն, եթե ուրիշ հնար չլիներ, բայց իզուր վատնելն էլ միտք չուներ։

Դա, իսկապես, սքանչելի կրկես էր։ Տեսարանը փառավոր էր, երբ ձիեր հեծած, զույգ֊զույգ ներս եկան բոլորը՝ պարոններ և լեդիներ։ Տղամարդիկ հագել էին միայն փոխաններ ու շապիկներ, առանց կոշիկների ու կոշկախթանների, ձեռքները կողքներին կանթած, հանգիստ ու վայելուչ։ Պետք է որ քսան հոգուց պակաս չլինեին։ Բոլոր լեդիները հաճելի տեսք ունեին և շատ գեղեցիկ էին, կարծես իսկական թագուհիներ լինեին։ Նրանք այնպիսի զգեստներ էին հագել, որ միլիոնավոր դոլարներ կարժենային։ Դրանց վրա շողում էին բազմաթիվ ադամանդներ։ Հոյակապ տեսարան էր։ Ես դեռ այդքան գեղեցիկ բան չէի տեսել։ Մեկ առ մեկ նրանք վեր կացան, կանգնեցին և սկսեցին մեղմ, ալեձև, շնորհալի շարժումներով պտտվել օղակի շուրջը։ Տղամարդիկ բարձրահասակ էին, խրոխտ, ուղիղ։ Գլուխները ճոճում ու սահելով անցնում էին տաղավարի տակ։ Լեդիների զգեստները մեղմ ծածանվում էին զիստերի շուրջը, ինչպես վարդի թերթիկներ, և կանայք նման էին անչափ գեղեցիկ հովանոցների։

Սկսեցին ավելի արագ շարժվել։ Բոլորը պարում էին, նախ մեկ ոտքը օդի մեջ պարզած, ապա մյուսը։ Ձիերն ավելի ու ավելի թեքվում էին մի կողմի վրա։ Կրկեսապետը կենտրոնում ձողի շուրջը պտտում էր մտրակը չրկացնելով ու բղավելով «հի՜, հի՜», իսկ ծաղրածուն նրա թիկունքում կանգնած՝ չէր խնայում իր կատակները։ Շուտով բոլորը բաց թողեցին սանձերը, լեդիներն իրենց մատները զիստերի վրա իջեցրին, ջենտլմենները թևերը դրին կրծքներին, ձիերը ծունկի եկան, հեծյալները մեկը մյուսի ետևից ցած թռան և հանդիսականներին գլուխ տվին իմ տեսած ամենաշնորհալի ձևով։ Այնուհետև նրանք հեռացան բեմից, իսկ հանդիսականները խելահեղ ծափահարեցին։

Ամբողջ ներկայացման ընթացքում նրանք կատարեցին ամենազարմանալի բաներ, և ամբողջ ժամանակ ծաղրածուն այնպես կատարեց իր դերը, որ մարդիկ ծիծաղից թուլացան։ Կրկեսապետի բերանից դեռ խոսքը դուրս չեկած, ծաղրածուն անմիջապես պատասխանում էր ամենածիծաղաշարժ բառերով, որ երբևէ արտասանել է մարդը։ Թե նա ինչպե՛ս կարող էր այդքան բան մտածել, այն էլ այդքան արագ ու այդքան դիպուկ, մինչև այժմ չեմ կարողանում հասկանալ։ Ես մի տարում էլ չէի կարող այդքանը մտածել։ Շուտով հարբած մի մարդ փորձեց դուրս գալ կրկես։ Ասում էր, թե ուզում է ձիավարել, որ ինքը նույնքան հաջող կարող է ձի հեծած պտույտներ կատարել, որքան դրանցից որևէ մեկը։ Հանդիսականներն առարկեցին և փորձեցին ետ պահել նրան, բայց նա ոչ ոքի լսել չէր ուզում։ Ամբողջ ներկայացումը կանգ առավ։ Մարդիկ սկսեցին բղավել նրա վրա, ծաղրել։ Հարբածն սկսեց գոռգոռալ ու բզկտել ինքն իրեն։ Հանդիսականները հուզվեցին, և շատերը, վեր կենալով շարժվեցին ներքև, դեպի բեմը, գոռալով․ «Զարկե՛ք, ցա՛ծ գցեք, դե՛ն շպրտեք դրան»։ Կանանցից մեկ֊երկուսն սկսեցին ճչալ։ Կրկեսապետը մի փոքր խոսեց և ասաց, որ ինքը հույս ունի, թե ոչ մի անախորժ բան չի պատահի, եթե այդ մարդը խոսք կտա, որ այլևս անհամություն չի անի, ինքը թույլ կտա նրան ձի հեծնել, եթե կարծում է, որ կկարողանա ձիու վրա մնալ։ Բոլորը ծիծաղեցին և ասացին՝ շատ լավ։ Հարբածը մեջտեղ եկավ։ Հենց որ նա հեծավ, ձին սկսեց վեր թռչել, ցատկոտել, ծառս լինել։ Կրկեսի երկու աշխատակից կախվեցին սանձից․ աշխատում էին ձին հանգիստ պահել, իսկ հարբածը կախվել էր ձիու բաշից։ Ամեն անգամ վեր թռչելիս հարբածի ոտները ճոճվում էին օդում։ Հանդիսականները կանգնած գոռում ու ծիծաղում էին, մինչև արցունքներն սկսեցին հոսել նրանց աչքերից։ Վերջապես, չնայած կրկեսի մարդկանց ջանքերին, ձին դուրս պրծավ ու սկսեց վազել կրկեսի շուրջը, հարբածն էլ վզից կախված, նախ մի ոտն էր իջեցնում, հասնում գետնին մի կողմի վրա, ապա մյուս ոտը՝ մյուս կողմի վրա։ Մարդիկ ծիծաղից գժվել էին։ Սակայն ինձ համար ծիծաղելու բան չկար․ տեսնելով այն վտանգը, որ սպասում էր այդ մարդուն, դողում էի։ Շուտով նա համառ պայքարից հետո կանոնավոր կերպով հեծավ ձին, բռնեց սանձը և սկսեց պտույտներ տալ այս ու այն կողմի վրա։ Հաջորդ րոպեին վեր ցատկեց, բաց թողեց սանձը և կանգնեց թամբի վրա, իսկ ձին սրարշավ շարունակեց իր պտույտները, կարծես հրդեհ լիներ։ Այսպես նա, կանգնած թամբի վրա, հանգիստ ու ազատ շարունակեց ձիավարելը, կարծես թե կյանքում երբեք չէր հարբել։ Ապա սկսեց վրայից պոկել հագուստներն ու շպրտել ներքև։ Նա այնպես արագ էր շպրտում մեկը մյուսի ետևից, որ կարծես հագուստները օդում իրար էին կպչում։ Նա ցած շպրտեց տասնյոթ կտոր։ Եվ ահա նա՝ բարեկազմ ու գեղեցիկ, հագնված ձեր երբևէ իմացած ամենաշքեղ և ամենաազդեցիկ ձևով։ Հորդորելու համար թեթևակի մտրակեց ձին և վերջապես ցատկեց ներքև, գլուխ տվեց ու պարելով հեռացավ վարագույրի ետևը։ Բոլորը հաճույքից ու զարմանքից բղավում էին։

Կրկեսապետը զգաց, թե ինքը ինչպիսի անհարմար վիճակի մեջ է ընկել։ Կարծում եմ, որ նա ձեր երբևէ տեսած կրկեսապետերից ամենաողորմելին էր։ Հարցն այն է, որ այդ «հարբածը» կրկեսի մարդկանցից մեկն էր․ նա այդ կատակը ինքն էր հնարել, ոչ ոքի ոչինչ չէր ասել։ Ես ինձ հիմար վիճակի մեջ էի զգում, բայց չէի ցանկանա այդ կրկեսապետի տեղը լինել թեկուզ հազար դոլար տային ինձ։ Չգիտեմ, կարո՞ղ է լինել ավելի սքանչելի կրկես, քան այս, բայց դեռ ավելի լավը չեմ տեսել։ Համենայն դեպս, ինձ համար դա շատ լավ էր, և ամեն անգամ որտեղ էլ առիթ լինի, անպայման կայցելեմ։

Այդ երեկո մենք էլ ներկայացում տվինք, բայց հավաքվել էին ընդամենը տասներկու մարդ։ Հազիվ ծախսերը ծածկեցինք։ Հանդիսականները անընդհատ ծիծաղում էին, և դուքսը դրանից կատաղել էր։ Ներկայացումը չավարտված՝ բոլորը թողին, գնացին, բացի մի տղայից, որը քնած էր։ Դուքսն ասաց, որ այս արքանզասցի տխմարները դեռ չեն կարող Շեքսպիրին հասկանալ, որ նրանց համար պետք է հասարակ կատակերգություններ ներկայացնել և նույնիսկ ավելի հասարակ բան։ Ասաց, որ ինքը կարող է նրանց ոճին համապատասխան բան ստեղծել։ Հաջորդ առավոտյան նա վերցրեց ապրանք փաթաթելու մի մեծ թուղթ ու սև ներկ, գրեց մի քանի աֆիշ և փակցրեց պատերին գյուղի տարբեր մասերում։ Աֆիշների վրա գրված էր․

Դատարանի սրահում
Միայն մեկ ներկայացում


Համաշխարհային ողբերգակներ
Դեվիդ Գարրիկ կրտսերը
Եվ
Էդմունդ Քին ավագը
Լոնդոնի և եվրոպական թատրոններից
Արքայական ընձուխտ
կամ
Արքայական կատարելությունը
սարսռեցնող ողբերգության մեջ։
Մուտքը 50 ցենտ։

Ներքևում գրված էր․

Կանանց և երեխաների մուտքը
արգելվում է։

― Ահա, ― ասաց նա, ― եթե այս վերջին տողը նրանց չգրավի, այդ կնշանակի, որ ես արքանզասցիներին չեմ ճանաչում։


Գլուխ քսաներեքերորդ

Ամբողջ օրը դուքսն ու թագավորը տաժանելի աշխատանք կատարեցին, պատրաստելով բեմը, վարագույրը և մոմերի մի շարք՝ բեմի հատակալույսի համար։ Երեկոյան այնքան մարդ հավաքվեց, որ ոտք դնելու տեղ չկար։ Երբ այլևս ոչ մի ազատ տեղ չկար, դուքսը պտույտ կատարեց հանդիսականների մեջ, ետևի դռնով բարձրացավ բեմ ու կանգնեց վարագույրի առաջ։ Նա մի կարճ ճառ արտասանեց և գովեց ողբերգությունը։ Ասաց, որ այդ ողբերգությունը մինչև այժմ եղածների մեջ ամենասարսռեցուցիչն է։ Ապա շարունակեց ավելի մանրամասնորեն խոսել ողբերգության ու Էդմունդ Քին Ավագի մասին, որը կատարելու էր գլխավոր դերը։ Վերջապես, երբ կարողացան բորբոքել հանդիսականների հետաքրքրությունը, քաշեց վարագույրը։ Հաջորդ րոպեին ներկայացավ թագավորը, չորեքթաթ շարժվելով առաջ, բոլորովին մերկ։ Ամբողջ մարմինը ներկված էր օղակներով երիզված և շերտավորված ամեն տեսակի գույներով։ Նա նույնքան փառահեղ տեսք էր ստացել, որքան ծիածանը, բայց մնացածի մասին չարժե խոսել։ Դա վայրենություն էր, բայց միաժամանակ չափազանց ծիծաղելի։ Մարդիկ ծիծաղից պայթում էին։ Եվ երբ թագավորը ցատկում էր ու ոստոստելով անցնում բեմի ետևը, հանդիսականները գոռում էին, ծափահարում, անզուսպ քրքջում, մինչև նա վերադառնում էր բեմ և կրկնում իր խաղը։ Ապա ստիպում էին, որ նորից կրկնի։ Եփած հավի ծիծաղն էլ կգար, եթե տեսներ այդ հիմար ծերուկի խեղկատակությունները։

Այնուհետև դուքսն իջեցրեց վարագույրը, գլուխը խոնարհեց հանդիսականների առջև և ասաց, որ մեծ ողբերգությունը կրկնվելու է միայն երկու երեկո, որովհետև Լոնդոնի հետ ունեցած պարտավորությունները թույլ չեն տալիս երկար մնալու, այնքան որքան Դրուրի Լեյն թատրոնի բոլոր տոմսերն արդեն վաճառված են։ Նա նորից խոնարհվեց և ասաց, որ եթե իրեն հաջողվել է բավականություն պատճառել հանդիսականներին և եթե ներկայացումը ուսանելի է, ապա ինքը խորապես պարտավորված կմնա, եթե հանդիսականները այս մասին հայտնեն իրենց բարեկամներին, որպեսզի հաջորդ անգամ նրանք ևս գան տեսնելու։

Քսան հոգի մեկից բղավեցին․

― Ի՞նչ, մի՞թե վերջացավ։ Ա՞յդ էր բոլորը։

Դուքսը պատասխանեց, որ՝ այո։ Սկսվեց մի աղմուկ։ Բոլորը կանչում էին․ «Խաբե՜լ են մեզ»։ Մարդիկ զայրացած վեր կացան, շարժվեցին դեպի բեմն ու դերասանները։ Բայց հաճելի արտաքինով մի հաղթանդամ մարդ նստարանից վեր ցատկեց ու բղավեց․

― Սպասեցե՛ք։ Միայն մի խոսք, ջենտլմեններ։

Մարդիկ կանգ առան լսելու նրան։

― Մեզ խաբել են, շատ վատ խաբել են։ Բայց ինչո՞ւ ամբողջ քաղաքում ծաղրի առարկա դառնանք, որ մինչև մեր կյանքի վերջը ծիծաղեն մեզ վրա։ Ո՛չ, մեզ մնում է միայն այստեղից հանգիստ դուրս գալ, գովասանքով խոսել այս ներկայացման մասին և խաբել քաղաքի մնացած մարդկանց։ Այդ դեպքում մենք բոլորս կլինենք նույն վիճակում։ Ճիշտ չե՞մ ասում։

― Միանգամայն իրավացի եք, դատավոր, ― բղավեցին բոլորը միաբերան։

― Այդ դեպքում շատ լավ, խաբվելու մասին ոչ մի խոսք։ Գնացեք տուն և բոլորին խորհուրդ տվեք, որ գան տեսնեն ողբերգությունը։

Հաջորդ օրը քաղաքում խոսում էին միայն այդ փառավոր ներկայացման մասին։ Երեկոյան սրահը նորից լեփ֊լեցուն էր, և նորից նույն ձևով խաբեցինք նաև այս մարդկանց։ Երբ ես, թագավորն ու դուքսը վերադարձանք լաստ, ընթրեցինք և շուտով, մոտավորապես կեսգիշերին, նրանք Ջիմին ու ինձ առաջարկեցին դուրս բերել լաստը գետի մեջտեղը, մոտ երկու մղոն իջնել ներքև, թաքցնել։

Երրորդ երեկոյան սրահը նույնքան լեփ֊լեցուն էր։ Այս անգամ նոր հանդիսատեսներ չկային, եկել էին նախորդ երկու երեկոյի մասնակիցները։ Ես դքսի հետ կանգնել էի դռանը և նկատում էի, որ ներս մտնող ամեն մարդու գրպանն էլ ուռած է կամ բաճկոնակի տակ ինչ֊որ բան է թաքցրած։ Հասկանալի էր, որ դա օծանելիք չէր։ Զզվելի հոտից զգում էի, որ պետք է նեխած ձու, կաղամբ և նման որևէ այլ բան լիներ։ Եթե ես կարողանում եմ տարբերել մոտակայքում սատկած կատվի հոտը, և իսկապես տարբերում եմ, պետք է ասեմ, որ սրահ տարան այդպիսի վաթսունչորս նեխած բան։ Մի րոպե մտա սրահ, բայց երկար մնալ չկարողացա, հոտն անտանելի էր։ Երբ սրահում նոր մարդկանց համար այլևս տեղ չկար, դուքսը մեկին մի քառորդ դոլարանոց տվեց և ասաց, որ մի րոպե իմ փոխարեն կանգնի դռանը, իսկ ինքն սկսեց դեսուդեն շուռ գալ, իբր թե ուզում է բեմ գնալ։ Բայց հենց որ շուռ եկանք մի մութ անկյուն, նա ասաց․

― Շտապի՛ր, շուտ հեռանանք։ Վազի՛ր դեպի լաստը, այնպես արա, որ կարծես հետևիցդ սատանա է ընկել։

― Ես այդպես էլ արեցի։ Նույնպես վարվեց և նա։ Մենք լաստը բարձրացանք միաժամանակ և մի երկու վայրկյան հետո արդեն լողում էինք դեպի գետի մեջտեղը։ Ոչ ոք ոչ մի բառ չէր արտասանում։ Մտածում էի, թե խեղճ թագավորն այժմ իր ճաշը կուտի հանդիսականների մոտ։ Բայց ես սխալված էի, որովհետև նա դուրս սողաց լաստի հյուղակից և ասաց․

― Լա՜վ, դուքս, որքա՞ն հավաքեցիր այս անգամ։

Պարզվեց, որ նա այդ օրը քաղքում չէր էլ եղել։

Լաստի վրա ոչ մի լույս չկախեցինք, մինչև քաղաքից հեռացանք տասը մղոն։ Ապա վառեցինք լապտերը և ընթրեցինք։ Թագավորն ու դուքսը ծիծաղից թուլանում էին, երբ պատմում էին, թե ինչպես են ծառայել ժողովրդին։ Դուքսն ասաց․

― Խա՜կ մարդիկ, տափա՜կ գլուխներ։ Ես գիտեի, որ առաջին ներկայացման ժամանակ կլռեն, որպեսզի քաղաքի մնացած մասն էլ մեր ուռկանն ընկներ և գիտեի, որ երրորդ երեկոյին նրանք կուզենային տեղը հանել, մտածելով, որ հերթն այժմ իրենցն է։ Լավ, հերթը իրենցն է, բայց ես լավ գին կտայի իմանալու համար, թե դրանից որքան օգուտ ստացան։ Կուզենայի տեսնել, թե այդ առիթը նրանք ինչպես են օգտագործում այժմ։ Կարող են խնջույք սարքել, եթե ուզում են․ իրենց հետ բերած մթերքներն առատ են։

Այս սրիկաները երեք ներկայացման դիմաց հավաքել էին չորս հարյուր վաթսունհինգ դոլար։ Մանր դրամի այդքան մեծ շեղջ ես դեռ չէի տեսել։

Որոշ ժամանակից հետո, երբ նրանք քնել էին և խռմփացնում էին, Ջիմն ասաց․

― Քեզ համար զարմանալի չէ՞ թագավորի այս վարմունքը, Հեք։

― Ոչ, ― պատասխանեցի ես, ― զարմանալի չէ։

― Ինչո՞ւ, Հեք։

― Հենց նրա համար, որ դա նրանց էությունն է։ Կարծում եմ, որ նրանք բոլորն էլ իրար նման են։

― Բայց, Հեք, մեր այս թագավորները կատարյալ սրիկաներ են, կատարյա՜լ սրիկաներ։

― Իմ ասածն էլ այդ է։ Որքան ինձ հայտնի է, բոլոր թագավորներն էլ մեծ մասամբ սրիկաներ են։

― Մի՞թե։

― Մի անգամ կարդա նրանց մասին և կիմանաս։ Վերցրու Հենրի Ութերորդին։[16] Նրան հակադրիր մեր կիրակնօրյա դպրոցի վերակացուին։ Վերցրու Կառլոս Երկրորդին, Լյուդովիկոս Տասնչորսերորդին, Ջեյմս Երկրորդին, Էդվարդ Երկրորդին, Ռիչարդ Երրորդին և քառասուն այլ թագավորների։ Բացի դրանցից, հիշիր սաքսոնների յոթնապետությունները,[17] որոնք հին ժամանակներում սովորաբար կոտորում, կողոպտում էին ամենուրեք և կայեններ աճեցնում։ Պետք է տեսնեիր Հենրի Ութերորդին իր ծաղկուն տարիներին։ Նա կատարյալ ծաղիկ էր։ Ամեն օր նոր կին էր առնում և հաջորդ առավոտյան հրամայում գլխատել։ Եվ նա այդ անում էր նույնքան հանգիստ ու անտարբեր, ինչպես եթե ուտելու ձու պահանջեր։ «Ինձ բերեք Նել Գվինին» ― ասում էր նա։ Բերում էին։ Հաջորդ առավոտյան ասում էր․ «Թռցրեք գլուխը»։ Եվ գլխատում էին։ «Բերեք Ջեյն Շորին»։ Ջեյն Շորը գալիս էր։ Հաջորդ առավոտյան․ «Թռցրեք գլուխը»։ Եվ գլխատում էին։ «Կանչեցեք գեղեցիկ Ռոզամունդին»։ Գեղեցիկ Ռոզամունդը նրա կանչին ներկայանում էր։ Հաջորդ առավոտյան․ «Թռցրեք գլուխը»։ Եվ նա դրանցից յուրաքանչյուրին ստիպում էր ամեն գիշեր մի պատմություն պատմել։ Նա այդ այնքան շարունակեց, մինչև հավաքեց հազար ու մի պատմություն, և այդ պատմությունները զետեղեց մի գրքի մեջ, որը կոչվում է «Դոմսդեյի գիրք»։[18] Լավ անուն է և ցույց է տալիս այդ դեպքը։ Դու թագավորներին չես ճանաչում, Ջիմ, բայց ես ճանաչում եմ, և մեր այս ծեր անառակը պատմությունից իմ իմացածներիս մեջ ամենամաքուրներից է։ Մի տես, թե այդ Հենրիի գլխում ինչպես միտք ծագեց մեր երկրին նեղություն տալ։ Ինչպե՞ս սկսեց․ որևէ բան հայտնե՞ց, նախազգուշացրե՞ց։ Ոչ։ Նա նավից հանկարծ թեյը ծովը թափեց Բոստոնի նավահանգստում, ապա տվեց անկախության դեկլարացիան և գրգռեց մարդկանց, որ կռվի դուրս գան։ Նրա գործելու եղանակը այդպիսին էր․ ոչ ոքի հանգիստ չէր թողնում։ Կասկածում էր իր հոր՝ Վելինգտոնի դքսի վրա և ի՞նչ արեց։ Հարցուփո՞րձ արեց։ Ոչ, նրան խեղդեց գինետակառի մեջ, ինչպես կատվի։ Ասենք թե մարդիկ անուշադիր էին, դրամ էին թողնում նրա մոտ։ Ի՞նչ կաներ։ Կգրպաներ։ Պայմանավորվում էիր մի բան անել, որի համար վճարած կլինեիր, բայց չես նստել կողքին հետևելու, որ պայմանը կատարվի։ Ի՞նչ կաներ։ Միշտ հակառակը կաներ։ Ասենք, թե բերանը բացում էր․ ի՞նչ էր լինում հետևանքը։ Եթե անմիջապես չփակեր, ստերը դուրս կթափվեին։ Իսկ եթե նա մեր թագավորի տեղը լիներ, ավելի լավ կկողոպտեր այս քաղաքը։ Չեմ ասում, թե մերը գառ է, որովհետև թագավորը գառ լինել չի կարող, երբ մենք նայում ենք սառը փաստերին։ Համենայն դեպս, հին խոյերի հետ համեմատած, սրանք ոչինչ են։ Իմ ասածն այն է, որ թագավորը թագավոր է, և մենք ստիպված ենք տանել այդ։ Ընդհանրապես նրանք բոլորն էլ անպետք մարդիկ են։ Այդպես են դաստիարակված։

― Բայց այս մեկից սպիրտի հոտը ուժեղ է փչում, Հեք։

― Էհ, բոլորն էլ այդպես են, Ջիմ։ Ի՞նչ կարող ենք անել, եթե թագավորից հոտ է փչում։ Պատմությունը դրա դեմ ոչ մի միջոց չի առաջարկում։

― Դուքսը որոշ կողմերով բավական մարդավարի է։

― Այո, դուքսը տարբերվում է, բայց ոչ շատ։ Այս մեկը միջին տիպի է, թեև դուքս է։ Երբ հարբած է, ոչ մի կարճատես չի կարող նրան թագավորից տարբերել։

― Լավ, Հեք, էլ դրանց մասին չխոսենք։ Սրանց էլ հազիվ եմ տանում։

― Ես էլ եմ այդպես կարծում, Ջիմ։ Սրանք նստել են մեր ուսին, և մենք պետք է հիշենք, թե ովքեր են սրանք, և հաշվի առնենք այդ։ Երբեմն ցանկանում եմ լսել այնպիսի մի երկրի մասին, որտեղ թագավորներ չկան։

Ի՞նչ միտք ուներ Ջիմին ասել, թե սրանք իսկական թագավոր ու դուքս չեն։ Դրանից լավ բան դուրս չէր գա, բացի այդ, դրանք ոչնչով չէին տարբերվում իսկականներից։

Ես պառկեցի քնելու, և Ջիմը չարթնացրեց ինձ, երբ հասավ իմ հերթը։ Նա հաճախ էր այդպես վարվում։ Լուսադեմին, երբ արթնացա, նա նստած էր իր տեղում, գլուխը կախած երկու ծնկների միջև։ Ինքն իրեն հեծում ու ողբում էր։ Ես նման պահերին ուշադրություն չէի դարձնում, ոչ էլ երևում նրա աչքին․ գիտեի, թե ինչն ինչոց է։ Նա մտածում էր իր կնոջ և երեխաների մասին, որոնք շա՜տ հեռու էին։ Բացի այդ, հայրենակարոտ էր․ իր կյանքում երբեք տնից չէր հեռացել։ Ես հավատացած եմ, որ նա իր կնոջն ու երեխաներին այնքան էր սիրում, որքան սպիտակամորթը կարող է սիրել։ Գուցե դա շատերին բնական չթվա, բայց, իմ կարծիքով, դա ճիշտ է։ Հաճախ գիշերները նա հեծում ու ողբում էր այդպես, երբ կարծում էր, թե քնած եմ, և ասում էր․ «Խե՜ղճ, փոքրի՜կ Լիզաբեթ, խե՜ղճ, փոքրի՜կ Ջոնի, ծա՜նր է․ այլևս չեմ տեսնի ձեզ, չեմ տեսնի»։ Ջիմը շատ լավ նեգր էր։

Բայց այս անգամ ես մի կերպ սկսեցի խոսել նրա հետ իր կնոջ ու երեխաների մասին։ Նա ասաց․

― Այսօր սրտիս վրա մի բան է ծանրացել, քիչ առաջ ափից լսեցի ինչ֊որ չրխկոցի ձայն։ Դա ինձ հիշեցրեց փոքրիկ Լիզաբեթի հետ կապված մի դեպք։ Այն ժամանակ նա մոտ չորս տարեկան էր․ վարակվել էր քութեշով և ծանր հիվանդ էր։ Մի անգամ կանգնած էր իմ կողքին։ Ես ասացի․

«Դուռը փակիր»։

Նա չկատարեց իմ խոսքը, կանգնեց կողքիս, նայեց ինձ ու ծիծաղեց։ Դա ինձ շատ զայրացրեց։ Ես նորից ասացի և այս անգամ ավելի բարձր․

«Չե՞ս լսում, դուռը փակիր»։

Նա նույն ձևով կանգնեց և ծիծաղեց։ Ես կատաղած գոռացի․

«Տե՛ս, թե հիմա ոնց կփակես»։

Այդ ասելով այնպիսի մի ապտակ հասցրի գլխին, որ փռվեց հատակին։ Հետո գնացի մյուս սենյակը և այնտեղ մնացի մոտ տասը րոպե։ Երբ վերադարձա, դուռը դեռ առաջվա նման բաց էր, իսկ երեխան, կանգնած դռան մոտ, գլուխը կախած լաց էր լինում․ արցունքները գլորվում էին աչքերից։ Ես զայրացա և քայլեցի երեխայի կողմը։ Դուռը դեպի ներս էր բացվում, և այդ րոպեին ուժեղ փչեց քամին, և դուռը, թրը՛խկ, ամբողջ թափով փակվեց երեխայի թիկունքի մոտ, իսկ նա տեղից չշարժվեց։ Ես այնպես թուլացա, որ չեմ կարող ասել, թե ինչ զգացի։ Կամաց մոտեցա։ Ամբողջովին դողում էի, քայլում ոտքերիս մատների վրա։ Դանդաղ ու լուռ բաց արեցի դուռը, գլուխս ներս մտցրի և ամբողջ ուժով գոռացի։ Նա նույնիսկ տեղից չշարժվեց։ Ա՜խ, Հեք, ես սկսեցի բարձրաձայն աղաղակել և նրան առա իմ գիրկն ու ասացի․ «Օ՜, իմ խեղճ փոքրի՜կ երեխա։ Ամենակարո՛ղ տեր, ների՛ր ծեր Ջիմին, որովհետև նա ինքը երբեք չի ների իրեն, քանի դեռ կենդանի է»։ Քութեշից հետո երեխան խլացել էր, Հեք, բոլորովին խլացել, իսկ ես ինչպե՜ս դաժան վարվեցի նրա հետ։


Գլուխ քսանչորսերորդ

Հաջորդ օրը իրիկնադեմին, մենք կանգ առանք գետի մեջտեղում ուռենիներով ծածկված մի կղզյակի մոտ։ Այստեղ, գետի մյուս կողմում էլ գյուղ կար, և դուքսն ու թագավորն սկսեցին այդ գյուղերը կողոպտելու ծրագրեր մշակել։ Ջիմը դքսին ու թագավորին ասաց, թե հուսով է, որ դա մի քանի ժամից ավելի չի տևի, որովհետև իր համար շատ ծանր ու ձանձրալի է ամբողջ օրը պարանով կապկպված պառկել հյուղակում։ Ինչպես գիտեք, երբ նրան մենակ էինք թողնում լաստի վրա, ստիպված էինք լինում կապկպել, որովհետև եթե մեկը պատահաբար գար լաստը և գտներ նրան արձակ ու մենակ, չէր հավատա, որ նա փախած ու բռնված նեգր է։ Ուստի դուքսն ասաց, որ, իրոք, դժվար է ամբողջ օրը կապված մնալ, և որ ինքը մի բան կմտածի՝ այդ միջոցին այլևս չդիմելու համար։

Դուքսն արտասովոր ընդունակ մարդ էր և շուտով գտավ ելքը։ Նա Ջիմին հագցրեց Լիր Արքայի տարազը՝ վարագույրի չթից պատրաստած երկար մի շրջազգեստ, ձիու մազից պատրաստած սպիտակ պարիկ և բեղեր։ Ապա վերցրեց թատերական գրիմ և դեմքը, ձեռքերը, ականջը, վիզը ներկեց անկենդան, տաղտուկ, կապույտ գույնով։ Նա արդեն նման էր ինն օր առաջ խեղդված դիակի։ Ես երբեք դրանից ավելի ահռելի, ավելի բարբարոս բան չէի տեսել։ Դուքսը վերցրեց մի տախտակ և գրեց․

«Կատաղած արաբ, բայց ոչ ոքի չի վնասի, եթե չմոտենան»։

Նա այդ տախտակը փակցրեց մի ձողի վրա, և ձողը կանգնեցրեց հյուղակի առաջ, չորս֊հինգ ոտնաչափ բարձր։ Ջիմը գոհ էր դրանից․ ասում էր, որ այդպես շատ ավելի լավ է, քան ամեն օր ամբողջ օրը կապկպած պառկել և ամեն մի ձայն լսելիս դողալ։ Դուքսն ասաց, որ նա իրեն ազատ ու հանգիստ զգա, և եթե որևէ մեկն իր գործերին խառնվի, դուրս թռչի հյուղակից, կոպիտ շարժումներ անի, մեկ֊երկու անգամ գազանի նման գոռա։ Այդ դեպքում, նրա կարծիքով, մարդիկ կփախչեն և հանգիստ կթողնեն Ջիմին։ Այդ խորհուրդը բավական խելացի էր, բայց ամեն մարդ չէր սպասի, մինչև նա գոռար։ Ջիմը ոչ միայն մեռած մարդու տեսք ուներ, այլև դրանից ավելի վատ էր։

Այս սրիկաներն ուզում էին նորից փորձել իրենց բախտը․ դա շատ փող կբերեր։ Բայց մտածում էին, թե դա կարող է ապահով չլինել, որովհետև նախորդ խաբեության լուրը կարող էր այդտեղ հասած լինել։ Նրանք չէին կարողանում այնպիսի մի ծրագիր կազմել, որը միանգամայն հարմար լիներ։ Ուստի դուքսը վերջապես ասաց, թե ինքը մեկ֊երկու ժամ կպառկի ու գործի կդնի իր ուղեղը՝ տեսնելու, չի՞ կարող մի հարմար առաջակություն անել Արքանզասի այս գյուղի համար։ Իսկ թագավորն ասաց, որ ինքը դուրս կգա մյուս գյուղն առանց ծրագրի։ Բավական է ապավինել նախախնամությանը, որպեսզի առաջնորդի շահավետ ճանապարհով։ Նրա նախախնամությունը, իմ կարծիքով, սատանան էր։ Վերջին իջևանում բոլորս գնել էինք նոր հագուստներ։ Թագավորը հագավ իր նոր շորերը և ասաց, որ նույնն անեմ և ես։ Իհարկե, կատարեցի նրա կարգադրությունը։ Թագավորն ամբողջությամբ սև էր հագել և շատ պատկառելի տեսք ուներ։ Մինչ այդ ես չգիտեի, որ հագուստը կարող է մարդուն այդքան փոխել։ Առաջ նա նման էր երբևէ գոյություն ունեցած ամենաստոր, ամենահասարակ, ծերացած մի անառակի։ Բայց այժմ նա, երբ հանում էր իր նոր, սպիտակ լայնեզր գլխարկը, խոնարհվում ու ժպտում էր, այնպիսի վեհ, ազնիվ ու բարեպաշտ տեսք էր ստանում, որ կարծես ինքը ծերուկ Նոյն էր, որ նոր էր դուրս եկել տապանից։ Ջիմը մաքրեց նավակը, իսկ ես պատրաստեցի թիակը։ Երևում էր մի շոգենավ, որը կանգնած էր այդ գյուղից երեք մղոն վեր, ափի մոտ։ Արդեն երկու ժամ էր, որ դա այնտեղ էր և բեռ էր վերցնում։ Թագավորն ասաց․

― Քանի որ այսպես եմ հագնված, ապա ավելի լավ է, որ ես եկած լինեմ Սեն֊Լուիից կամ մի այլ տեղից։ Շտապիր դեպի շոգենավը, Հեքլբերի, դրանով կգնանք գյուղ։

Կարիք չկար ինձ երկրորդ անգամ հրամայելու, որ շոգենավ նստեմ․ ես ափ հասա գյուղից կես մղոն վերև և ապա թիավարեցի խաղաղ ջրի զառիթափ ափի երկայնքով։ Շուտով մենք հանդիպեցինք կոճղի վրա նստած անմեղ տեսքով գյուղական մի երիտասարդի։ Սա սրբում էր դեմքի քրտինքը, որովհետև օրը շատ շոգ էր։ Նրա կողքին դրված էին կապերտից պատրաստած երկու մեծ խուրջին։

― Նավակը դարձրու դեպի ափ, ― ասաց թագավորը։ Ես կատարեցի նրա հրամանը։ ― Ո՞ւր եք գնում, երիտասարդ։

― Շոգենավ․ ուզում եմ Օռլեան գնալ։

― Բարձրացեք նավակը, ― ասաց թագավորը, ― մի րոպե սպասեցեք․ իմ ծառան կօգնի ձեզ վերցնելու խուրջինները։ Դուրս թռիր և օգնիր ջենտլմենին, Ադոլֆուս (վերջին խոսքը, իհարկե, ինձ էր ուղղված)։

Ես օգնեցի, և մենք երեքով նորից ճանապարհ ընկանք։ Երիտասարդն անչափ շնորհակալ էր․ ասում էր, թե այսպիսի շոգ եղանակին խուրջիններ կրելը ծանր գործ է։ Նա հարցրեց թագավորին, թե ուր է գնում։ Թագավորն ասաց, որ գետով իջել է ներքև և այս առավոտ դուրս է եկել մյուս գյուղը, իսկ այժմ մի քանի մղոն բարձրանում է վեր, իր հին ծանոթին՝ մի ագարակատիրոջ, տեսակցության է գնում։ Երիտասարդն ասաց․

― Երբ առաջին անգամ տեսա ձեզ, մտքումս ասացի, որ սա, անկասկած, միստր Վիլքսն է, և մի փոքր ուշացել է, բայց այնուհետև ասացի՝ ոչ, կարծում եմ, նա չէ․ նա չպետք է գետն ի վեր թիավարեր։ Դուք նա չեք, այնպես չէ՞։

― Ոչ, իմ ազգանունը Բլոջիթ է, Ալեքսանդր Բլոջիթ, կարծում եմ, որ պետք է ասել արժանապատիվ Ալեքսանդր Բլոջիթ, այնքան որքան ես տիրոջ խեղճ ծառաներից մեկն եմ։ Բայց և այնպես ես նույնքան կարող եմ ցավել միստր Վիլքսի համար, որը ժամանակին չի կարողացել ժամանել, եթե նա այդ ուշացումից որևէ չափով տուժում է։ Հուսով եմ, որ չի տուժի։

― Չէ, նա դրանից ոչինչ չի կորցնի․ կտակածը լրիվ կստանա, միայն թե չկարողացավ եղբորը՝ Պիտերին, մեռնելուց առաջ տեսնել։ Դրան էլ նա գուցե կարևորություն չի տա, ո՞վ գիտե։ Բայց եղբայրը աշխարհում ամեն ինչ կտար, միայն թե մեռնելուց առաջ նրան տեսներ։ Վերջին երեք շաբաթը ուրիշ ոչ մի բանի մասին չէր խոսում։ Տղայության տարիներից հետո նրան չի տեսել, իսկ մյուս եղբորը՝ Վիլյամին, երբեք չի տեսել։ Դա խուլուհամր եղբայրն է։ Վերջինս երեսուն֊երեսունհինգից ավելի չի լինի։ Այստեղ միայն Պիտերն ու Ջորջն են եկել։ Ջորջը ամուսնացած եղբայրն էր։ Նա ու իր կինը անցյալ տարի մեռան։ Մնացել են Հարվին ու Վիլյամը, նրանք էլ, ինչպես ասացի, ժամանակին չեն եկել։

― Որևէ մեկը նրանց լուր տվե՞լ էր։

― Այո, մեկ կամ երկու ամիս առաջ, երբ Պիտերը նոր էր հիվանդացել։ Նա ասում էր, թե այնպես է զգում իրեն, որ այս անգամ լավանալու հույս չունի։ Պետք է իմանաք, որ նա բավական ծեր էր, իսկ Ջորջի աղջիկները շատ փոքր էին և չէին կարող նրան զբաղեցնել, բացի Մերի Ջեյնից՝ շիկահեր աղջկանից։ Ջորջի ու նրա կնոջ մահից հետո Պիտերը շատ էր նեղվում մենակությունից և, ըստ երևույթին, այնքան էլ ապրելու մասին չէր մտածում։ Անչափ ուզում էր տեսնել Հարվիին, ինչպես և Վիլյամին։ Դե նա այն մարդկանցից էր, որոնց համար անտանելի է կտակ գրելը։ Նա թողել է մի նամակ՝ Հարվիի համար։ Այնտեղ գրել է, թե ուր է թաքցրել դրամը և ցանկություն է հայտնել, որ իր մնացած ունեցվածքը բաժանելիս Ջորջի աղջիկները ոչ մի բանի կարիք չունենան, քանի որ Ջորջը նրանց ոչինչ չէր թողել։ Եվ դա միակ նամակն է, որ կարողացել են գրել տալ։

― Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հարվին չի գալիս։ Որտե՞ղ է ապրում։

― Օ՜, նա ապրում է Անգլիայում, Շեֆֆիլդում․ այնտեղ քարոզում է։ Նա այս երկրում երբևէ չի եղել։ Այնքան էլ շատ ժամանակ չի ունեցել գալու։ Գուցե և նամակը տեղ չի հասել։

― Ցավալի է, շատ ցավալի, եթե չի ապրել այնքան, որ տեսներ իր եղբորը, խե՜ղճ մարդ։ Ասում եք, որ Օռլեան եք գնում, այո՞։

― Այո, բայց դա իմ ճանապարհորդության մի մասն է։ Հաջորդ չորեքշաբթի գնում եմ Ռիո֊դե֊Ժանեյրո, որտեղ ապրում է հորեղբայրս։

― Երկար ճանապարհորդություն է, բայց հաճելի կլինի։ Երանի՜ ես էլ գնայի։ Ամենամեծ աղջիկը Մերի Ջե՞յնն է։ Մյո՞ւսը քանի տարեկան է։

― Մերի Ջեյնը տասնինը տարեկան է, Սյուզանը՝ տասնհինգ, և Ջոաննան՝ մոտ տասնչորս․ վերջինս այն աղջիկն է, որ իրեն բարի գործի է նվիրել և նապաստակի շրթունքներ ունի։

― Խե՜ղճ արարածներ, այդպես մենակ են մնում այս սառն, անսիրտ աշխարհում։

― Է՜հ, կարող էին ավելի վատ վիճակի մեջ ընկնել։ Ծերունի Պիտերը բարեկամներ ունի, և նրանք չեն թողնի, որ աղջիկները տուժեն։ Պիտերի մտերիմներն էին Հոբսոնը՝ մկրտչական քարոզիչը, սարկավագ Լոթ Հովին, Բեն Ռուքերը, Էբներ Շոքլֆորդը, օրենսգետ Լեվի Բելը, դոկտոր Ռոբինսոնն ու իրենց կանայք, ինչպես նաև այրի Բարթլին և բազմաթիվ այլ մարդիկ։ Պիտերը սրանց մտերիմն էր և նամակներ գրելիս հիշում էր նրանց․ այնպես որ Հարվին կիմանա որտեղ բարեկամներ որոնել, երբ գա այստեղ։

Այնուհետև ծերուկը շարունակեց հարցեր տալ, մինչև կատարելապես դատարկեց այդ երիտասարդին։ Կործանվեմ, եթե նա չհարցրեց այդ օրհնյալ ավանի յուրաքանչյուր բնակչի մասին և ամեն ինչ իմացավ Վիլքսերի վերաբերյալ։ Նա իմացավ, որ Պիտերը կաշեգործ է եղել, Ջորջը՝ հյուսն, Հարվին՝ բողոքական աղանդի քարոզիչ և այլն և այլն։ Ապա նա ասաց․

― Ինչո՞ւ էիք ուզում մինչև շոգենավ ոտքով գնալ։

― Որովհետև դա Օռլեանի մեծ նավ է, և վախենում էի, թե այստեղ կանգ չի առնի։ Երբ նավը խորն է նստած, կանգ չի առնի ողջունելու համար։ Ցինցինաթիից եկողները կանգ են առնում, բայց սա Սեն֊Լուիից է գալիս։

― Ինչո՞վ էր Վիլքսը հարուստ։

― Օ՜, շատ բանով։ Նա ուներ տներ, կալվածներ և կարծում են, որ թողել է երեք֊չորս հազար դոլար կանխիկ դրամ՝ թաքցրած ինչ֊որ տեղ։

― Ե՞րբ մեռավ, ասացի՞ք։

― Այդպիսի բան չեմ ասել, բայց երեկ երեկոյան մեռավ։

― Հավանորեն թաղումը տեղի կունենա վաղը, այո՞։

― Այո, մոտավորապես կեսօրին։

― Օ՜, սարսափելի տխուր բան է, բայց մենք բոլորս վաղ թե ուշ գնացողներ ենք։ Ուստի մեզ մնում է պատրաստ սպասել դրան․ այդ դեպքում հանգիստ կննջենք։

― Այո, սըր, ամենալավն այդ է։ Մայրս միշտ այդ էր ասում։

Երբ սկսեցինք թիավարել, բեռնումն ավարտված էր և նավը շուտով ճանապարհ ընկավ։ Թագավորը ոչինչ չասաց նավ բարձրանալու մասին, ուստի վերջին հաշվով ինձ չհաջողվեց բարձրանալ այնտեղ։ Երբ նավը հեռացավ, թագավորն ինձ ստիպեց թիավարել ևս մեկ մղոն դեպի ափի ամայի մի կետ, ապա, ցամաք դուրս գալով ասաց․

― Այժմ շտապ ետ գնա և դքսին բեր այստեղ, ինչպես և կապերտից պատրաստած նոր խուրջինները։ Իսկ եթե նա գնացել է մյուս ափը, գտիր և բեր։ Ասա, որ լավ հագնվի։ Դե՛հ, թիավարիր, շո՛ւտ արա։

Ես հասկացա, թե ինչ մտադրություն ունի, բայց, իհարկե, ոչինչ չասացի։ Երբ դքսի հետ վերադարձա, նավակը թաքցրինք, նրանք նստեցին մի կոճղի, և թագավորը մանրամասնորեն պատմեց այն ամենը, ինչ երիտասարդն է ասել, մինչև վերջին բառը։ Պատմելու ամբողջ ընթացքում նա աշխատում էր խոսել ինչպես անգլիացի, և չնայած իր անշնորհքությանը, բավական հաջող էր կատարում դերը։ Ես չեմ կարող նմանեցնել, ուստի և չեմ փորձում դա վերարտադրել։ Բայց նա իրոք բավական լավ կատարեց այդ դերը։

― Ի՞նչ կասեք խուլուհամրի մասին, Բրիջուոթըր, ― ասաց նա վերջում։

Դուքսն ասաց, որ այդ հարցը թողնի իրեն, ինքը բեմում կատարել է խուլուհամրի դեր։ Սպասեցին շոգենավի։

Կեսօրից հետո եկան երկու փոքրիկ շոգենավ, բայց դրանք գետի վերին հոսանքից չէին։ Վերջապես եկավ մի մեծ նավ, և թագավորն ու դուքսը ողջունելով կանգնեցրին այն։ Նավը մակույկ ուղարկեց, և մենք բարձրացանք տախտակամածը։ Նավը գալիս էր Ցինցինաթիից։ Երբ իմացան, որ մենք ուզում են միայն չորս կամ հինգ մղոն գնալ, խիստ զայրացան ու սկսեցին մեզ հայհոյել․ ասացին, որ մեզ ափ դուրս չեն բերի։ Թագավորը հանգիստ էր և ասաց․

― Եթե այս ջենտլմեններից յուրաքանչյուրն ամեն մեկ մղոնի համար վճարի մեկ դոլար, որպեսզի թույլ տրվի բարձրանալ նավը և մակույկով դուրս բերվեն ափ, այդ դեպքում համաձա՞յն եք։

Մարդիկ մեղմացան, ասացին, որ այդպես համաձայն են, և երբ հասանք գյուղի դեմ, նրանք մեզ մակույկով ափ դուրս բերին։ Տեսնելով մոտեցող մակույկը, մի քսան հոգի թափվեցին գետափ։ Երբ թագավորն ասաց․ «Այս ջենտլմեններից ո՞վ կարող է ասել, թե որտեղ է ապրում միստր Պիտեր Վիլքսը», նրանք նայեցին իրար ու խոնարհեցին գլուխները։ Կարծես ուզում էին ասել․ «Ի՞նչ ասենք ձեզ»։ Նրանցից մեկը մեղմ ու քնքուշ ձայնով ասաց․

― Ցավում եմ, սըր, բայց մենք միայն կարող ենք ասել, թե որտեղ էր ապրում մինչև երեկ երեկո։

Հանկարծ, մի ակնթարթում, ողջ֊առողջ ծերունին նվաղեց, ընկավ կողքի մարդու վրա, ծնոտը հենելով նրա ուսին, արցունքներ թափելով նրա թիկունքն ի վար․

― Ավա՜ղ, ավա՜ղ, մեր խեղճ եղբայրը․․․ չկա, և մենք երբեք չկարողացանք նրան տեսնել, օ՜հ, որքան ծանր է, որքա՜ն ծանր։

Ապա լացուկոծով շուռ եկավ և մատներով բազմաթիվ ապուշ նշաններ արեց դքսին։ Վերջինս ցած գցեց կապերտե խուրջինը և աղաղակեց։ Անիծվեմ, եթե երբևէ տեսածս խարդախ մարդկանցից այդ երկուսն ամենախարդախները չէին։

Մարդիկ հավաքվեցին նրանց շուրջը, բաժանելով նրանց վիշտը, և ասացին ամեն տեսակի բարի, մխիթարական խոսքեր, խուրջինները վերցրին, բարձրացրին բլուրն ի վեր, թույլ տվեցին, որ հենվեն իրենց, արտասվեն։ Թագավորին ամեն ինչ պատմեցին եղբոր վերջին րոպեների մասին, իսկ թագավորը մատների շարժումով նույնը հաղորդեց դքսին, և երկուսն էլ մորմոքեցին մեռած կաշեգործի համար, կարծես կորցրել էին տասներկու առաքյալներին։ Ազնիվ խոսք, թող նեգր լինեմ, եթե մինչ այդ երբևէ նման բան տեսել եմ։ Դա բավական էր, որպեսզի մարդ ամոթահար խորշեր մարդկային ցեղից։


Գլուխ քսանհինգերորդ

Երկու րոպեում լուրը տարածվեց ամբողջ ավանում, և կարելի էր տեսնել, թե ինչպես մարդիկ բոլոր կողմերից շնչակտուր վազում էին դեպի մեզ։ Մի քանիսը սերթուկները հագնում էին ճանապարհին։ Շուտով մեզ շրջապատեց մի ամբողջ բազմություն։ Ոտնաձայները զինվորական երթ էին հիշեցնում։ Պատուհաններն ու բակերը լիքն էին մարդկանցով․ ամեն րոպե մեկը, ցանկապատին կանգնած, ասում էր․

― Այդ նրա՞նք են։

Եվ մի ուրիշը, քայլելով ամբոխի հետ, գլուխը ետ դարձնելով պատասխանում էր․

― Կարող եմ գրազ գալ, որ նրանք են։

Երբ հասանք տուն, տան դիմացի փողոցը լցված էր մարդկանցով, և երեք աղջիկները կանգնած էին դռան առջև։ Մերի Ջեյնը շիկահեր էր, բայց դա նշանակություն չուներ․ կատարյալ գեղեցկուհի էր։ Նրա դեմքն ու աչքերը փայլում էին, ինչպես լուսապսակ։ Այնքա՜ն էր ուրախացել, որ հորեղբայրը եկել է։ Թագավորը տարածեց իր բազուկները, և Մերի Ջեյնը նետվեց նրա գիրկը, իսկ նապաստակի շրթունքներով աղջիկը վազեց դեպի դուքսը։ Ահա թե ինչպիսին էր նրանց ցնծությունը։ Մարդկանց մեծ մասը, համենայն դեպս բոլոր կանայք, ուրախությունից արտասվում էին․ չէ՞ որ վերջապես տեսան այդ հանդիպումը, արժանացան այդ նվիրական պահին։

Թագավորը կամաց կսմթեց դքսին (ես նկատեցի այդ), նայեց շուրջն ու տեսավ անկյունում երկու աթոռների վրա դրված դագաղը։ Նա և դուքսը, յուրաքանչյուրը մեկ ձեռքը մյուսի ուսին դնելով, մյուս ձեռքով արցունքները սրբելով, դանդաղ ու հանդիսավոր քայլեցին դեպի անկյունը։ Մարդիկ ետ էին քաշվում, որ նրանց տեղ տան։ Դադարեց ամեն աղմուկ ու խոսակցություն, մարդիկ ասում էին «սը՜սս»։ Բոլոր տղամարդիկ հանեցին գլխարկները, խոնարհեցին գլուխները։ Այնպիսի լռություն տիրեց, որ եթե գնդասեղ գետին ընկներ, ձայնը կլսվեր։ Թագավորն ու դուքսը, մոտենալով դիակին, կռացան ու նայեցին դագաղին, հետո այնպիսի աղաղակ բարձրացրին, որ կարելի էր լսել նոր Օռլեանում։ Ապա յուրաքանչյուրն իր բազուկներով գրկեց մյուսի պարանոցը և ծնոտները հենեցին մեկը մյուսի ուսին։ Երեք֊չորս րոպե արցունքներ հոսեցին նրանց աչքերից։ Ես երբեք չէի տեսել, որ տղամարդն այդքան առատ արտասուք թափի։ Նույն ձևով արտասվեցին և մյուսները։ Սենյակում այնպիսի խոնավություն էր զգացվում, որի նմանը երբեք չէի տեսել։ Նրանցից մեկը դագաղի մի կողմն անցավ, մեկն էլ՝ մյուս կողմը։ Ծունր իջան, ճակատները հենեցին դագաղին և սկսեցին աղոթքներ մրմնջալ, որ միայն իրենք էին լսում։ Նրանց այդ ողբը այնպես ազդեց ամբոխի վրա, որ հազիվ թե նման բան տեսած լինեք։ Բոլորը վայր ընկան ու սկսեցին հեկեկալ, այդ թվում և խեղճ աղջիկները։ Գրեթե բոլոր կանայք մոտեցան աղջիկներին և, առանց մի խոսք ասելու, հանդիսավոր տխրությամբ համբուրեցին ճակատները, ձեռքները դրեցին նրանց գլուխներին ու նայեցին վեր, դեպի երկինք։ Արցունքները գլորվեցին նրանց աչքերից։ Ապա փղձկացին ու հեռացան, հեկեկալով ու աչքերը սրբելով, տեղը զիջելով մյուսներին, որպեսզի սրանք էլ ցույց տան իրենց։ Ես երբեք այդքան զզվելի բան չէի տեսել։

Շուտով թագավորը վեր կացավ, մի փոքր առաջ եկավ և, հավաքելով ուժերը, դանդաղ սկսեց հիմարներին հրապուրող արտասվալից մի ճառ, թե ինչպես իր և իր խեղճ եղբոր համար վշտալի փորձություն է հանգուցյալի կորուստը, և որ չորս հազար մղոն երկարաձիգ ճանապարհորդությունից հետո չեն կարողացել հանգուցյալին կենդանի տեսնել։ Բայց դա այնպիսի մի փորձություն է, որը մեզ համար քաղցրացվում, սփոփվում ու սրբագործվում է այս թանկագին համակրանքով ու սուրբ արցունքներով․ ուստի նա իր և եղբոր կողմից ի սրտե շնորհակալություն է հայտնում, թեև խոսքով շնորհակալություն հայտնել չեն կարող․ բառերը շատ անզոր ու սառն են։ Եվ շարունակեց ասել նման դատարկ ու կեղտոտ բաներ, մինչև ուղղակի զզվեցրեց։ Հետո էլ ծոր տվեց կեղծ բարեպաշտական մի «ամեն» ու հեծկլտաց, իբր թե լացի նոպայից սիրտը ճաքում է։

Հենց որ նա ճառն ավարտեց, ամբոխի միջից մեկն սկսեց մի օրհներգ, և բոլորն իրենց ամբողջ կարողությամբ ձայնակցեցին։ Դա այնպես ջերմացրեց մարդկանց, որ կարծես եկեղեցուց նոր դուրս եկած լինեին։ Երաժշտությունը լավ բան է։ Այդ բոլորից հետո ինձ թվում էր, թե այդ չափազանց սիրալիր դատարկաբանությունները երբեք թարմացնող նշանակություն չունեցան և այնպես անկեղծ ու լավ տպավորություն չթողեցին։

Թագավորը նորից գործի դրեց իր ծնոտը, ասելով, թե ինչպես ինքը և իր եղբոր աղջիկներն ուրախ կլինեն, եթե այս ընտանիքի մերձավոր բարեկամներից մի քանիսը այս երեկո իրենց հետ ընթրեն և օգնեն կարգի բերելու հանգուցյալի աճյունը։ Ասաց, որ եթե այստեղ պառկած իր խեղճ եղբայրը կարողանար խոսել, ինքը կիմանար, թե ում անունը կտա։ Կան անուններ, որ շատ սիրելի էին նրան և որոնց մասին հաճախ հիշատակում էր իր նամակներում։ Նույն անունները կտա և ինքը, այն է՝ արժանապատիվ միստր Հոբսոնը, սարկավագ Լոթ Հովին, միստր Բեն Ռուքերը, Աբներ Շեքլֆորդը, Լեվի Բիլը, դոկտոր Ռոբինսոնը և այրի Բարթլին։

Արժանապատիվ Հոբսոնը և դոկտոր Ռոբինսոնն այդ ժամանակ ավանի մյուս ծայրում միասին որս էին անում․ դոկտորը մեկին մյուս աշխարհն էր ուղարկում, իսկ քարոզիչը ճանապարհ էր ցույց տալիս։ Օրենսգետ Բիլը գործով գնացել էր Լուիսվիլ։ Մնացածներն այնտեղ էին։ Բոլորը եկան թագավորի ձեռքը սեղմեցին, շնորհակալություն հայտնեցին ու խոսեցին հետը։ Սեղմեցին Դքսի ձեռքը, բայց ոչինչ չասացին, միայն ժպտացին և գլուխները շարժեցին, ինչպես փայտի ձողեր, մինչ դուքսը ձեռքերով ամեն տեսակի նշաններ արեց և ամբողջ ժամանակ կրկնում էր «գո՛ւ֊գո՛ւ֊գո՛ւ֊գո՛ւ», ինչպես երեխա, որը չի կարող խոսել։

Այսպես թագավորը շարունակեց բառաչել և կարողացավ հարցեր տալով բավական բան իմանալ ավանում ամեն ոքի և ամեն շան մասին, յուրաքանչյուրի մասին հարցնլով, անձամբ անունը տալով, հիշատակում էր ամեն տեսակի մանրուքներ, որ երբևէ տեղի էին ունեցել ավանում, Ջորջի կամ Պիտերի ընտանիքում, և միշտ հասկացնում էր, որ այդ բաները Պիտերն է իրեն գրել, բայց դա, իհարկե, սուտ էր։ Նա այս օրհնյալ լուրերն ամբողջովին կորզել էր այն բթամիտ երիատասարդից, որին մենք նավակով տարել էինք շոգենավը։

Մերի Ջեյնը դուրս բերեց հոր թողած նամակը, և թագավորը բարձրաձայն կարդաց ու լաց եղավ։ Ըստ նամակի, նա բնակարանը և երեք հազար դոլարը (ոսկով) թողնում էր աղջիկներին․ կաշեգործարանը (որը լավ եկամուտ էր բերում) մի քանի տների ու կալվածների հետ՝ յոթ հազար դոլար արժողությամբ, գումարած երեք հազար դոլար (ոսկով) կանխիկ դրամը թողնում էր Հարվիին ու Վիլյամին։ Նամակում գրված էր նաև, թե մառանում որտեղ է թաքցրած վեց հազար դոլար կանխիկ դրամը։ Այս երկու խարդախները հայտարարեցին, թե ուզում են գնալ դրամը բերել այստեղ և ամեն ինչ արդար կերպով բաժանել, ինչպես ասված է կտակում։ Ինձ պատվիրեցին վերցնել մոմն ու հետևել իրենց։ Մենք մառանի դուռը փակեցինք մեր ետևից, և երբ նրանք գտան ոսկու տոպրակն ու դրամը շաղ տվին հատակին, զմայլելի տեսարան բացվեց․ ամբողջովին դեղին ոսկի։ Ինչպե՜ս էին փայլում թագավորի աչքերը։ Նա հարվածեց դքսի ուսին և ասաց․

― Օ՜, սքանչելի է, չէ՞։ Ա՛յ ճարպկություն։ Ինչո՞ւ Բիլլի, մի՞թե «Ընձուղտից» ավելի մաքուր չէ։ Ի՞նչ կասեք։

Դուքսը համաձայնեց։ Նրանք ճանկում էին ոսկեդրամը, տեղավորում մատների արանքում և թողնում, որ զնգոցով ընկնի հատակին։ Թագավորն ասաց․

― Ի՞նչ միտք ունի այդպես խոսել, երբ գործը այնտեղ է հասել, երբ մենք եղբայրներ ենք հարուստ և մեռած մի մարդու, ներկայացուցիչները՝ կենդանի ժառանգների։ Ահա թե ինչ է նշանակում միշտ հավատալ նախախնամությանը։ Վերջին հաշվով դա ամենալավ բանն է։ Ես այս բոլորը փորձել եմ, և դրանից լավ միջոց չկա։

Ով էլ լիներ նրանց տեղը, գոհ կմնար ոսկու այդ կույտից և վստահորեն կընդուներ այն։ Բայց ոչ, այս մարդիկ պետք է հաշվեին։ Եվ հաշվեցին․ պակասում էր չորս հարյուր տասնհինգ դոլար։ Թագավորն ասաց․

― Անե՛ծք։ Որտե՞ղ կարող է պահած լինել չորս հարյուր տասնհինգ դոլարը։

Որոշ ժամանակ նրանք անհանգստացած էին այդ առթիվ։ Ամեն տեղ որոնեցին պակաս դրամը։ Այնուհետև դուքսն ասաց․

― Է՜հ, հիվանդ մարդ է եղել և հավանորեն սխալվել է, կարծում եմ, որ այդքանն է։ Ամենալավն այն կլինի, որ այդպես էլ մնա և ոչինչ չխոսենք այդ մասին։ Առանց դրա էլ հոժար ենք։

― Դատարկ բան է, իհարկե, առանց դրա էլ կարող ենք յոլա գնալ, այդ մասին չեմ մտածում, հաշվի մասին եմ մտածում։ Գիտեք, որ այստեղ մենք գործը մաքուր ենք անելու, ճիշտ։ Պետք է այս դրամը տանենք վեր և հաշվենք բոլորի ներկայությամբ․ այդ դեպքում կասկածելի ոչինչ չի մնա։ Բայց երբ հանգուցյալը գրել է, թե վեց հազար դոլար կա, ապա մենք չենք ուզում․․․

― Սպասեցե՛ք, ― ասաց դուքսը, ― եկեք այս պակասը լրացնենք, ― և նա սկսեց գրպանից դուրս բերել դեղին ոսկիներ։

― Զարմանալիորեն լավ միտք է, դուքս։ Դուք ձեր ուսերի վրա կրում եք չափազանց խելացի գլուխ, ― ասաց թագավորը, ― անիծվեմ, թե հին «Ընձուղտը» նորից չի օգնում մեզ, ― և ինքն էլ գրպանից դուրս բերեց դեղին ոսկիեր ու ավելացրեց կույտի վրա։

Այդ բանը գրեթե դատարկեց նրա գրպանները, բայց դրա փոխարեն վեց հազարը լրացվել էր։

― Լսեցեք, ես այլ կարծիք ունեմ։ Գնանք վերև, հաշվենք դրամը և տանք աղջիկներին, ― ասաց դուքսը։

― Աստվա՜ծ իմ, դուքս, թույլ տվեք գրկախառնվել ձեզ հետ։ Դա ամենաապշեցուցիչ առաջարկությունն է, որ երբևէ կատարվել է մարդու կողմից։ Ձեր ուսերի վրա է մարդկային ամենազարմանալի գլուխը, որ ես երբևէ տեսել եմ։ Դա ամենալավն է․ ոչ մի սխալ չկա։ Այժմ, եթե ուզում են, թող երևան բերեն իրենց կասկածները։ Այս փաստը ամեն ինչ կփարատի։

Երբ բարձրացանք վեր, բոլորը հավաքվեցին սեղանի շուրջը։ Թագավորը հաշվեց դրամը և սյունակների ձևով շարեց սեղանի վրա։ Ստացվեց քսան գեղեցիկ, փոքրիկ սյունակ։ Ամեն ոք անհագ աչքերով նայում էր դրանց ու լիզում շրթունքները։ Այնուհետև թագավորն ու դուքսը հավաքեցին ոսկին, նորից լցրին տոպրակը։ Ես տեսնում էի, թե ինչպես թագավորը ուռչում էր մի նոր ճառ ասելու ցանկությունից։ Նա ասաց․

― Բարեկամներ, իմ խեղճ եղբայրը, որ պառկած է դագաղում, վշտի այս հովտում մեծահոգություն է ցուցաբերել մնացածների նկատմամբ։ Նա մեծահոգի է եղել այս խեղճ փոքրիկ գառնուկների հանդեպ, որոնց սիրել ու ապաստանել է, և որոնք չեն ունեցել ո՛չ հայր, ո՛չ մայր։ Այո, և մենք, որ ճանաչում էինք նրան, գիտենք․ նա ավելի առատաձեռն կլիներ նրանց նկատմամբ, եթե չվախենար, որ դրանով նեղացրած կլիներ իր սիրելի Վիլյամին ու ինձ։ Ճիշտ չէ՞։ Այդ առթիվ ես մազաչափ անգամ կասկած չունեմ։ Դե՛հ, ուրեմն, այժմ ինչպիսի՞ եղբայրներ պիտի լինենք մենք, որ նման պարագայում նրա ցանկություններին հակառակ գնանք։ Եվ ինչպիսի՞ եղբայրներ պիտի լինենք, որ կողոպտենք, այո, կողոպտենք այս խեղճ, անուշիկ գառնուկներին, որոնց նա այնքա՜ն սիրում էր։ Եթե ես ճանաչում եմ Վիլյամին, և կարծում եմ, որ ճանաչում եմ, նա․․․ Լավ, հիմա կհարցնեմ նրան։

Նա շուռ եկավ և ձեռքի շարժումներով սկսեց ինչ֊որ բան հասկացնել։ Դուքսը նայում էր ապուշ հայացքով։ Հանկարծ թվաց, թե հասկացավ եղբոր ասածները և ցնծությամբ նետվեց դեպի թագավորը՝ ամբողջ ուժով կրկնելով «գո՛ւ֊գո՛ւ» և տասնհինգ անգամ ողջագուրեց, մինչև ազատ թողեց նրան։ Թագավորն ասաց․

― Ես այդպես էլ գիտեի։ Կարծում եմ, որ նրա այս վարմունքը բոլորին կհամոզի, թե նա ինչպես է մոտենում այս հարցին։ Ահա, Մերի Ջեյն, Սյուզաննա, Ջոաննա, վերցրեք այս դրամը, վերցրեք բոլորը։ Դա նվերն է այն մարդու, որ պառկած է այնտեղ, դագաղում՝ սառած, բայց ցնծությամբ լի։

Մերի Ջեյնը վազեց դեպի թագավորը, Սյուզաննան ու Նապաստակաշուրթը վազեցին դեպի դուքսը, և դրան հաջորդեց այնպիսի մի ողջագուրանք, համբյուրների այնպիսի տեղատարափ, որպիսին ես մինչ այդ չէի տեսել։ Մարդիկ արտասվալից աչքերով խռնվել էին, և շատերը մոտեցան, սեղմեցին այս խարդախ մարդկանց ձեռքերը, անընդհատ կրկնելով․

― Օ՜, սիրելի՜, բարի՜ հոգիներ, որքա՜ն սքանչելի է։ Ինչպե՜ս կարողացաք այդպես վարվել։

Այնուհետև բոլորը նորից սկսեցին խոսել հանգուցյալի մասին, թե նա որքան բարի էր, ինչպիսի կորուստ է նրա մահը և նման բաներ։ Որոշ ժամանակից հետո դրսից ներս խցկվեց բարձրահասակ մի մարդ, երկաթանման ծնոտով, և կանգնեց մեջտեղը, ունկնդրելով ու նայելով շրջապատին, առանց որևէ բան ասելու։ Նրան ոչ ոք չդիմեց։ Թագավորը խոսում էր, և բոլորը զբաղված էին ճառն ունկնդրելով։ Թե ինչից սկսեց թագավորը, չեմ հիշում։ Շարունակության մեջ ասաց․

― ․․․ նրանք հանգուցյալի ամենամտերիմ ընկերներն էին։ Ահա թե ինչու այս երեկո նրանք հրավիրված են այստեղ։ Իսկ վաղն ուզում ենք, որ բոլորը գան, ամեն ոք, որովհետև նա հարգում էր բոլորին, սիրում էր բոլորին, ուստի մենք ցանկանում ենք, որ նրա հոգեհանգստյան խնջույքին բոլորը գան։

Եվ շարունակեց շաղակրատել։ Նրան դուր էր գալիս իրեն ունկնդրելը։ Այնքան հաճախ հիշատակեց «հոգեհանգստյան խնջույք» բառերը, մինչև դուքսը այլևս չկարողացավ համբերել և թղթի մի փոքրիկ կտորի վրա գրեց․ «Հոգեհանգստյան հացկերույթ, ծերուկ հիմար», ծալեց թուղթն ու շարունակելով իր «գո՛ւ֊գո՛ւ», մարդկանց գլուխների վրայով այն հասցրեց թագավորին։ Թագավորը կարդաց, դրեց իր գրպանն ու ասաց․

― Խե՜ղճ Վիլյամ, որքան էլ վշտացած՝ սիրտը միշտ ցավում է ուրիշների համար։ Ինձ խնդրում է բոլորին գրել, որ գան հուղարկավորությանը, ուզում է, որ բոլորը սիրալիր ընդունելություն գտնեն։ Բայց նա անհանգստանալու կարիք չունի։ Ես արդեն մտադիր էի հրավիրել բոլորին։

Նա նորից սկսեց իր ոստայնը հյուսել կատարելապես խաղաղ և հաճախ նորից խճճվեց իր «հոգեհանգստյան խնջույքների» մեջ։ Եվ երբ երրորդ անգամ կրկնեց այդ, ասաց․

― Ես հոգեհանգստյան խնջույք եմ ասում, ոչ թե նրա համար, որ դա է ընդունված ձևը։ Հոգեհանգստյան հացկերույթն ավելի հասարակ բառ է։ Ես այդպես եմ ասում նրա համար, որ սա ճիշտ դարձվածք է։ Այժմ Անգլիայում «հացկերույթ» բառն այլևս չեն օգտագործում։ Անգլիայում այժմ ասում են խնջույք։ Հոգեհանգստյան խնջույնքն ավելի լավ է, որովհետև դա ավելի ճիշտ է։ Դրա իմաստը գալիս է հունական orgo բառից, որ նշանակում է «դուրս», «բաց», «հեռու»։ Իսկ եբրայերեն jeesum նշանակում է «տնկել», «ծածկել», այսինքն՝ թաղել։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, հոգեհանգստյան խնջույքը բաց է, որտեղ կարող են բոլորը ներկա լինել։

Նա երբեք այդքան գարշելի չէր թվացել ինձ։ Ինչ որ է, խոժոռ ծնոտով մարդը ուղղակի ծիծաղեց նրա երեսին։ Բոլորը ցնցվեցին, ասելով․

― Ինչո՞ւ այդպես, դոկտոր։

Իսկ Էբներ Շեքլֆորդն ասաց․

― Ի՞նչ է պատահել ձեզ, Ռոբինսոն, մի՞թե չեք լսել։ Սա Հարվի Վիլքսն է։

Թագավորը անձկալի մի ժպիտ արձակեց, տարածեց թևը և ասաց․

― Սա իմ խեղճ եղբոր սիրելի, բարի ընկերն է, բժիշկը։ Ես․․․

― Ձեռքերդ հեռո՛ւ, ― ասաց բժիշկը, ― դուք խոսում եք այնպես, կարծես անգլիացի լինեք, այո։ Բայց դա նմանվելու իմ երբևէ լսած ամենաանհաջող փորձն է։ Ինչպե՞ս չէ, Պիտեր Վիլքսի եղբայն եք։ Դուք խարդախ սրիկա եք, ուրիշ ոչինչ։

Ինչպիսի՜ հուզմունք առաջացրեց դա մարդկանց մեջ։ Բոլորը հավաքվեցին բժշկի շուրջը և աշխատում էին հորդորել, փորձում էին բացատրել, որ նա է, ասում էին, թե ինչպես Հարվին քառասուն օրինակով ու ձևերով ցույց է տվել, որ ինքը Հարվին է, որ նա բոլորին էլ ճանաչում է անուններով, նույնիսկ գիտե շների անունները։ Նորից ու նորից նրանք խնդրեցին բժշկին չվիրավորել Հարվիի, ինչպես և խեղճ աղջիկների զգացմունքները։ Բայց այդ բոլորն իզուր էր։ Նա շարունակեց իր հարձակումը և ասաց, որ անծանոթն անգլիացի է ձևանում, և եթե մեկն այդքան անշնորհք ձևով է նմանեցնում իր արտասանությունը, ապա այդպիսի մարդը խարդախ ու ստախոս է։ Խեղճ աղջիկները կախվել էին թագավորից ու լաց էին լինում։ Բժիշկը դարձավ աղջիկների կողմն ու ասաց․

― Ես ձեր հոր բարեկամն էի, ձեր բարեկամն եմ և զգուշացնում եմ ձեզ որպես բարեկամ և ազնիվ մարդ, որն ուզում է պաշտպանել ձեզ և հեռու պահել չարիքից ու նեղությունից։ Զգուշացնում եմ ձեզ հեռու մնալ այդ սրիկայից և ոչ մի գործ չունենալ նրա հետ, հեռու այդ տխմար թափառաշրջիկից, որը անհեթեթություններ է դուրս տալիս հունարեն ու եբրայերեն բառերով, ինչպես ինքն է դրանք անվանում։ Այս մարդը ամենացանցառ խաբեբաներից է, այստեղ է եկել բազմաթիվ դատարկ անուններով ու փաստերով, որ հավաքել է ինչ֊որ տեղից, և դուք նրա ասածներն ընդունում եք որպես ապացույց։ Իսկ այստեղի մեր հիմար բարեկամները օգնում են, որ դուք ինքներդ ձեզ խաբեք, այն ժամանակ, երբ նրանք պարտավոր էին ավելի լավ իմանալ այս բանը։ Մերի Ջեյն Վիլքս, դուք ինձ ճանաչում եք որպես ձեր բարեկամի, ձեր անշահախնդիր բարեկամի։ Այժմ լսեցեք․ այս ողորմելի սրիկային դուրս արեք այստեղից, խնդրում եմ։ Կանե՞ք։

Մերի Ջեյնն ամբողջ մարմնով ուղղվեց։ Որքա՜ն գեղեցիկ էր։ Նա ասաց․

― Իմ պատասխանն այս է։ ― Եվ նա վերցրեց դրամի տոպրակը, դրեց թագավորի ձեռքն ու ասաց, ― վերցրեք այս վեց հազար դոլարը և իմ ու իմ քրոջ անունով շրջանառության մեջ դրեք, ինչ ձևով որ ուզում եք, և մեզ ոչ մի ստացական մի տվեք։

Նա գրկեց թագավորին։ Մյուս կողմից նույն բանն արին Սյուզաննան և Նապաստակաշուրթը։ Բոլորը ծափահարեցին և ոտքերով դոփեցին հատակը։ Կատարյալ փոթորիկ բարձրացավ։ Իսկ թագավորը բարձրացրեց գլուխը և հպարտորեն ժպտաց։ Բժիշկն ասաց․

― Լավ, ես լվանում եմ ձեռքերս, բայց նորից զգուշացնում եմ, որ կգա ժամանակը, երբ դուք, ամեն անգամ հիշելով այս օրը, հիվանդ կզգաք ձեզ։

― Լավ, բժիշկ, ― ասաց թագավորը, բարի ժպիտով ծաղրելով նրան, ― այդ դեպքում կաշխատենք մեկին ուղարկել որ ձեզ կանչի։

― Բոլորը ծիծաղեցին ու ասացին, որ հարվածը ճիշտ նպատակին հասավ։


Գլուխ քսանվեցերորդ

Երբ բոլորը գնացին, թագավորը Մերի Ջեյնին հարցրեց, թե ազատ սենյակներ ունե՞ն։ Մերի Ջեյնը պատասխանեց, որ մի ազատ սենյակ կա, որ հարմար է հորեղբայր Վիլյամի համար, հորեղբայր Հարվիին էլ կհատկացնի իր սենյակը, որը քիչ ավելի ընդարձակ է, իսկ ինքը կգնա քույրերի սենյակը և կքնի ծալովի մահճակալի վրա։ Ձեղնահարկում, ասաց նա, կա մի փոքր խուց, որտեղ դրված է հարդով լցված ներքնակ։ Թագավորն ասաց, որ դա էլ հարմար է իր սպասավորի համար (սպասավորը, իհարկե, ես էի)։

Մերի Ջեյնը մեզ առաջնորդեց դեպի վերնահարկ և նրանց ցույց տվեց իրենց սենյակները, որոնք թեև անշուք, բայց հաճելի էին։ Նա ասաց, որ ինքն այնտեղից կտանի իր շորերը և շատ այլ բաներ, եթե նրանք հորեղբայր Հարվիին նեղություն տան։ Բայց վերջինս ասաց, որ չեն խանգարի։ Շորերը կախված էին պատից և ծածկված չթե վարագույրով, որն իջնում էր մինչև հատակը։ Անկյունում դրված էր մազոտ կաշվով պատած մի սնդուկ, իսկ մյուսում կիթառի մի պատյան։ Ամենուրեք երևում էին զանազան փոքրիկ խաղալիքներ ու մանր֊մունր բաներ, որոնցով աղջիկները սիրում են զարդարել իրենց սենյակները։ Թագավորն ասաց, որ սենյակն այդպես ավելի դուրեկան է, ավելի հաճելի, և կարիք չկա իրերը տեղից շարժել։ Դքսի սենյակը թեև բավական փոքր էր, բայց լավն էր։ Իմ տեղը նույնպես վատը չէր։

Այդ երեկո նրանք մեզ ընթրիքի էին հրավիրել, և բոլոր տղամարդիկ ու կանայք ներկա էին։ Ես կանգնել էի թագավորի ու դքսի աթոռների ետևում և սպասարկում էի նրանց, իսկ մնացածներին ծառայում էին նեգրերը։ Սեղանի գլխին, Սյուզաննայի հետ, նստած էր Մերի Ջեյնը։ Նա անընդհատ ասում էր, որ թխվածքն անհաջող է, պահածոն բանի պետք չէ, տապակած հավերը չոր են և նման բաներ, մի խոսքով՝ այն, ինչ սովորաբար ասում են կանայք, երբ ուզում են հաճոյախոսություններ լսել։ Մինչդեռ բոլորը գիտեն, որ ամեն ինչ լավագույն ձևով էր պատրաստած, և ասում էին․ «Ինչպե՞ս եք կարողանում թխվածքն այսպես կարմրացնել։ Որտեղի՞ց եք ձեռք բերել թթու դրած այս հիանալի վարունգները»։ Եվ շարունակվեց կեղծ փաղաքշական զրույցը, ինչպես դա սովորաբար լինում է ընթրիքի ժամանակ։

Երբ ընթրիքը վերջացավ, ես Նապաստակաշուրթի հետ գնացի խոհանոց ընթրելու, իսկ մյուսներն օգնում էին սեղանները մաքրող նեգրերին։ Նապաստակաշուրթն սկսեց հարցուփորձ անել Անգլիայի մասին։ Մտածեցի, որ բանս բուրդ է։ Նա ասաց․

― Դու երբևէ տեսե՞լ ես թագավորին։

― Որի՞ն, Վիլհելմ Չորրորդի՞ն։[19] Իհարկե, նա մեր եկեղեցին է գալիս։

Ես գիտեի, որ նա մեռել է, բայց այդ մասին ոչինչ չասացի։ Երբ աղջիկն իմացավ, որ թագավորը մեր եկեղեցին է գալիս, հարցրեց․

― Մի՞շտ։

― Այո, միշտ։ Նրա նստարանը մեր նստարանի դիմաց է, ամբիոնի մյուս կողմում։

― Իսկ ես մինչ այդ կարծում էի, թե նա Լոնդոնում է ապրում։

― Այո, իհարկե, էլ որտե՞ղ պիտի ապրեր։

― Բայց չէ՞ որ դուք Շեֆֆիլդում եք բնակվում։

Ես զգացի, որ կոճղի եմ դեմ առել։ Ստիպված եղա ձևացնել, թե իբրև հավի ոսկորը խեղդում է ինձ, որպեսզի ժամանակ ունենայի մտածելու, թե ինչպես դուրս գամ ծուղակից։ Ապա ասացի․

― Ուզում եմ ասել, թե երբ Շեֆֆիլդ է գալիս, միշտ մեր եկեղեցին է հաճախում։ Դա ամռանն է լինում, երբ գալիս է այնտեղ՝ ծովային լոգանք ընդունելու։

― Է՜հ, ինչե՜ր ես ասում։ Չէ՞ որ Շեֆֆիլդը ծովափնյա քաղաք չէ։

― Իսկ ո՞վ է ասում, թե ծովափնյա է։

― Դու չասացի՞ր։

― Ոչ, բոլորովին։

― Ասացիր։

― Չեմ ասել։

― Ասացիր։

― Ես երբեք այդպիսի բան չեմ ասել։

― Հապա ի՞նչ ասացիր։

― Ասացի, որ գալիս է ծովային լոգանք ընդունելու, ահա թե ինչ ասացի։

― Լավ, իսկ ինչպես է նա ծովային բաղանիք ընդունում, երբ քաղաքը ծովափին չէ։

― Ինձ նայիր, ― ասացի ես, ― դու տեսած կա՞ս կոնգրեսաջուր։[20]

― Այո։

― Իսկ այդ ջուրը ձեռք բերելու համար Կոնգրե՞ս եք գնում։

― Ոչ։

― Դեհ, ոչ էլ Վիլհելմ Չորրորդն է ծովափ գնում՝ ծովային լոգանք ընդունելու։

― Հապա ինչպե՞ս։

― Այնպես, ինչպես այստեղ մարդիկ կոնգրեսաջուր են ճարում․ տակառներով են բերում։ Շեֆֆիլդի պալատում պատրաստել են կաթսաներ։ Թագավորն ուզում է, որ ջուրը տաք լինի։ Ծովափին հնարավոր չէ մեծ քանակությամբ ջուր տաքացնել, հարմարություններ չկան։

― Ա՜յ, հիմա հասկացա։ Դու այդ կարող էիր սկզբում ասել, և մենք զուր ժամանակ չէինք վատնի։

Երբ նա այդ ասաց, ես ինձ զգացի այնպես, կարծես դուրս եկա անանցանելի անտառից։ Արդեն հանգիստ էի և ուրախ։

Հետո աղջիկը շարունակեց․

― Դո՞ւ էլ ես եկեղեցի գնում։

― Այո, ― պատասխանեցի ես։

― Որտե՞ղ ես նստում։

― Մեր նստարանին։

― Ո՞ւմ նստարանին։

― Մեր, ձեր հորեղբայր Հարվիի նստարանին։

― Նրա նստարանի՞ն։ Իսկ նրա ինչի՞ն է պետք նստարան։

― Նստելու համար։ Իսկ քո կարծիքո՞վ։

― Ոչինչ։ Կարծում էի, թե նա քարոզչական ամբիոնի առջև կլինի։

Գրողը տանի։ Մոռացել էի, որ այդ մարդը քարոզիչ է։ Նորից դեմ առա կոճղի։ Նորից ձևացրի, թե հավի ոսկոր է մնացել կոկորդումս․ մտածելու ժամանակ էր պետք։ Ապա ասացի․

― Է՛հ, կարծում ես, թե եկեղեցում միայն մեկ քարոզի՞չ կա։

― Ինչո՞ւ, ավելին լինելու կարիք չկա։

― Ինչպե՞ս թե։ Հապա միայն թագավորի՞ համար քարոզ կարդան։ Ես քեզ նման աղջիկ դեռ չեմ տեսել։ Տասնյոթ քարոզչից պակաս չեն լինում։

― Տասնյո՜թ։ Աստվա՜ծ իմ։ Ես երբեք չէի ուզենա այդքան երկար նստել, նույնիսկ եթե զրկվեի երկնային արքայությունից։ Մի շաբաթ է պետք, որ բոլորին լսես։

― Պա՛հ։ Հո բոլորը նույն օրը չե՞ն խոսում․ միայն մեկը։

― Լավ, իսկ մյուսներն ի՞նչ են անում։

― Առանձնապես ոչինչ։ Ծուլորեն դես֊դեն են պտտվում։ Դրամատուփն են ման ածում և նման բաներ։ Բայց հիմնականում ոչինչ չեն անում։

― Ուրեմն՝ էլ ինչի՞ համար են։

― Է՛հ, ձևի համար, չգիտե՞ս։

― Ես այդպիսի հիմար բան գիտենալ չեմ ուզում։ Ինչպե՞ս են ծառաների հետ վարվում։ Ավելի լավ չե՞ն վարվում, քան մենք՝ նեգրերի հետ։

― Ոչ։ Ծառան այնտեղ մարդահաշիվ չէ։ Ավելի վատ են վարվում, քան շների հետ։

― Տոնական օրեր չե՞ն տալիս, ինչպես մենք ենք տալիս՝ ծնունդ, Նոր տարի, հուլիսի չորսը։

― Է՛հ, այնպես ես խոսում, որ լսողը կկարծի, թե դու երբեք Անգլիայում չես եղել։ Նրանք, Նապաստակա․․․ Ջոաննա, ամբողջ տարին, սկզբից մինչև վերջ, ոչ մի տոն օր չեն տեսնում, երբեք կրկես չեն գնում, ո՛չ թատրոն, ո՛չ էլ նեգրերի ձեռնածուական խաղերի են գնում, ո՛չ մի տեղ։

― Եկեղեցի՞ էլ չեն գնում։

― Ոչ։

― Բայց դու միշտ գնացել ես։

Նորից շփոթվեցի։ Մոռացել էի, որ ես ծերունու ծառան եմ։ Բայց իսկույն գլխի ընկա, բացատրեցի, թե ինչպես սպասավորը սովորական ծառայից տարբերվում է, և որ ես պարտավոր էի եկեղեցի գնալ, անկախ այն բանից՝ ուզո՞ւմ էի, թե՞ ոչ և, որպես օրենք, նստել ընտանիքի հետ։ Բայց իմ բացատրությունն այնքան էլ հաջող չէր․ երբ վերջացրի, նկատեցի, որ նա դրանից գոհ չէ։ Նա ասաց․

― Ասա «ազնիվ խոսք», որ դու ինձ մոտ ստեր չես դուրս տվել։

― Ազնիվ խոսք, ― ասացի ես։

― Ոչ մի սո՞ւտ։

― Ոչ մի, ասածիս մեջ սուտ չկա, ― պատասխանեցի ես։

― Ձեռքդ այս գրքի վրա դիր և ապա ասա։

Ես տեսա, որ դա բառարան էր, ուստի ձեռքս դրեցի վրան ու կրկնեցի։ Այժմ նա փոքր֊ինչ ավելի գոհ էր և ասաց․

― Լավ, հիմա պատմածիդ մի մասին հավատում եմ։ Բայց ամբողջովին երբեք չեմ հավատա։

― Իսկ ինչի՞ն չես հավատա, Ջո, ― Սյուզաննայի հետ ներս մտնելով ասաց Մերի Ջեյնը, ― ճիշտ չէ, ոչ էլ վայելուչ, երբ դու այս ձևով ես խոսում մի օտարական տղայի հետ, որն այնքան հեռու է իր հարազատներից։ Քեզ դուր կգա՞ր, որ քեզ հետ այսպես վարվեին։

― Դու միշտ այդպես ես, Մերի, միշտ վազում ես օգնելու մեկին, որին ոչ ոք չի վիրավորել։ Ես ոչինչ չեմ արել։ Իմ կարծիքով, նա մի քանի անհավատալի բան պատմեց, ես էլ ասացի, որ ամեն ինչի չեմ հավատա։ Ահա ամբողջը, ուրիշ ոչինչ չեմ ասի։ Կարծում եմ, որ նման չնչին դիտողությունից չի նեղանա, այնպես չէ՞։

― Ինձ համար նշանակություն չունի՝ մեծ բան է, թե փոքր․ նա մեր տանը օտարական է, և քո կողմից լավ բան չէ այդպես խոսել։ Եթե դու նրա տեղը լինեիր, ամոթահար կզգայիր քեզ։ Ուստի ոչինչ չպետք է ասել մեկին, որը դրանից կամաչի։

― Է՛հ, Մերի, նա ասաց․․․

― Նշանակություն չունի, թե ինչ ասաց։ Բանն այդ չէ։ Դու պետք է բարի լինես նրա նկատմամբ և չասես այնպիսի խոսքեր, որ նա հիշի, թե իր երկրում, իր ժողովրդի մեջ չէ։

Մտքումս ասացի․ «Եվ ես թույլ եմ տալիս, որ այս աղջկան կողոպտի այդ ծեր սողունը»։ Այնուհետև Մերի Ջեյնը փոխեց խոսելու եղանակը և շարունակեց իր հաճելի, քաղցր զրույցը, բայց երբ վերջացրեց, խեղճ Նապաստակաշուրթին ասելու բան չթողեց։ Եվ սա սկսեց հեկեկալ։

― Լավ, ― ասացին մյուս աղջիկները, ― միայն ներողություն խնդրիր, ուրիշ ոչինչ։

Նա ներողություն խնդրեց և այն էլ ի՜նչ շնորհալի ձևով։ Այնքան գեղեցիկ արտասանեց բառերը, որ լսողի խելքը կգնար։ Եվ ցանկություն զգացի հազար ու մի սուտ ասել, միայն թե նա դարձյալ ներողություն խնդրեր։

Մտքումս ասացի․ «Ահա մեկ ուրիշն էլ, որին ես թույլ եմ տալիս կողոպտելու»։ Երբ նա վերջացրեց, բոլորը իրենց այնպես էին պահում, որ ես ինձ զգամ իմ տանը, իմ բարեկամների մեջ։ Ես ինձ զգացի այնպես նվաստացած, այնքան ստոր, որ մտքումս որոշեցի այդ դրամը թաքցնել նրանց հանձնելու համար, այլապես կմեռնեմ։

Ես բաժանվեցի նրանցից, ասելով, որ քնելու ժամանակ է։ Երբ մենակ մնացի, նորից սկսեցի մտածել այդ մասին։ Ինքս ինձ ասացի, թե արդյո՞ք պետք է առանձին գնալ բժշկի մոտ և մերկացնել խարդախ մարդկանց։ Ոչ, դա հարմար չէ։ Բժիշկը կարող է ասել, թե որտեղից է իմացել, որից հետո թագվորն ու դուքսը ճաշս կեփեն։ Չգնա՞մ Մերի Ջեյնի մոտ և ամեն ինչ պատմեմ։ Ոչ, այդ անիմաստ է․ նրա դեմքի արտահայտությունից թագավորն ու դուքսը, անկասկած, կհասկանան ամեն ինչ։ Դրամը նրանց մոտ է, և անմիջապես կծլկեն։ Եթե Մերին օգնություն կանչելու կարիք ունենա, ինձ էլ գործի մեջ կխառնեն, նախքան հարցը կպարզվի։ Ոչ, միայն մի լավ միջոց է մնում․ ես պետք է մի կերպ գողանամ այդ դրամը և այնպես անեմ, որ չկասկածեն։ Այդ խարդախներն այստեղ լավ գործ են գտել և դուրս չեն գա մինչև այս ընտանիքն ու ավանը լրիվ չկողոպտեն, այնպես որ հարմար առիթի համար ինձ շատ ժամանակ կա։ Ես պետք է գողանամ այդ դրամը, թաքցնեմ։ Երբ գետով բավական հեռացած կլինեմ, նամակ կգրեմ և Մերի Ջեյնին կհայտնեմ, թե դրամը որտեղ է թաքցրած։ Բայց ավելի լավ է այս գիշեր գողանամ, եթե կարողանամ, որովհետև բժիշկը գուցե այնպես ձեռ քաշած չլինի նրանց հետապնդելուց, ինչպես ցույց է տալիս։ Կարող է վախեցնել, և նրանք կփախչեն ու դրամը կտանեն։

Վճռեցի գնալ, խուզարկել նրանց սենյակները։ Չնայած վերևի սրահը մութն էր, ես գտա դքսի սենյակը և սկսեցի ձեռքերով շոշափել շրջապատը։ Բայց մտաբերեցի, որ ամենայն հավանականությամբ թագավորը, իրենից բացի, ոչ ոքի չի վստահի դրամը։ Ուստի գնացի նրա սենյակը և այնտեղ սկսեցի շոշափելով որոնել։ Բայց տեսնում էի, որ առանց մոմի բան դուրս չի գա, իսկ մոմ վառել, իհարկե, չէի համարձակվում։ Ուստի մտադրությունս փոխեցի․ կհետևեմ, թե ինչ են անում, ինչ են խոսում։ Այդ ժամանակ լսեցի ոտնաձայն և պատրաստվում էի թաքնվել մահճակալի տակ, բայց մահճակալը այնտեղ չէր դրված, ուր, իմ կարծիքով, պիտի լիներ։ Ես շոշափեցի վարագույրը, որով ծածկված էին Մերի Ջեյնի շրջազգեստները։ Արագ անցա վարագույրի ետևը, սեղմվեցի շրջազգեստների մեջ և անշարժ կանգնեցի։

Նրանք ներս մտան ու փակեցին դուռը։ Դքսի առաջին գործը եղավ կռանալ ու նայել մահճակալի տակ։ Ես շատ ուրախ էի, որ մահճակալը չէի գտել, երբ ուզեցի թաքնվել այնտեղ։ Նրանք նստեցին, և թագավորն ասաց․

― Դե՛հ, ի՞նչ եք ասում, կարճ կապենք․ մեզ համար ավելի լավ է իջնել ներքև և ողբալ, քան այստեղ լինել և առիթ տալ նոր խոսակցությունների։

― Այա թե ինչ, Կապետ, ես շատ եմ անհանգստանում։ Այդ բժիշկը մտքիցս չի հեռանում։ Ուզում եմ ձեր ծրագիրն իմանալ։ Ես, իհարկե, ունեմ իմ կարծիքը և մտածում եմ, որ առողջ կարծիք է։

― Ո՞րն է ձեր տեսակետը, դուքս։

― Այն, որ մեր ձեռք բերածով ծլկենք այստեղից մինչև առավոտյան ժամը երեքը և գետով արագ իջնենք, հատկապես նկատի ունենալով, որ դրամը շատ հեշտ ձեռք բերինք․ նրանք մեզ վերադարձրին ամբողջը, կարելի է ասել շպրտեցին մեր գլխներին, այն ժամանակ, երբ մենք մտադիր էինք ետ ստանալ գողանալով։ Ես կողմնակից եմ հաշիվը փակելուն և այստեղից ծլկելուն։

Դքսի այս խոսքերը բավական վատ հնչեցին ականջիս։ Մոտ մեկ֊երկու ժամ առաջ դրությունը փոքր֊ինչ այլ էր, բայց այժմ ինձ վատ էի զգում․ դուքսն ինձ հուսախաբ արեց։ Թագավորը գոռաց ու ասաց․

― Ի՞նչ, և չվաճառել սեփականության մնացած մա՞սը, հա՞։ Այստեղից հեռանալ ապուշների պես և թողնել ութ կամ ինը հազար դոլարի արժողության սեփականությունը, ինչպես և վաճառման ենթակա սքանչելի բաները, որպեսզի շահադիտական նպատակների նյութ դառնան։

Դուքսը շարունակեց քրթմնջալ։ Ասաց, որ ոսկու պարկը բավական է և ավելի խորանալու կարիք չկա․ չի ցանկանում այս որբերին կողոպտել մինչև վերջին ունեցվածքը։

― Ինչե՜ր եք ասում, դուքս, ― ասաց թագավորը, ― մենք նրանց ոչնչից չենք զրկի, բացի այս դրամից։ Տուժողները կլինեն նրանք, որոնք կգնեն այդ ունեցվածքը։ Երբ պարզվի, որ դա մերը չէ, և դա կիմացվի, հենց մենք այստեղից ծլկենք, վաճառքը չեն վավերացնի, ամեն ինչ կվերադարձնեն տերերին։ Ձեր այս որբերը ետ կստանան իրենց տունը և դա նրանց բավական է․ նրանք երիտասարդ են, տոկուն, և հեշտությամբ կարող են ձեռք բերել իրենց ապրուստը։ Նրանք նեղության մեջ չեն ընկնի։ Մի րոպե պատկերացրեք․ հազարավոր մարդիկ կան աշխարհում, որոնք շատ ավելի վատ վիճակում են։ Մա՛րդ աստծո, այս աղջիկները տրտնջալու ոչինչ չեն ունենա։

Թագավորն իր ճառով այնպես նեղը գցեց դքսին, որ սա, ի վերջո, տեղի տվեց և համաձայնեց, միաժամանակ ավելացնելով, որ, իր կարծիքով, պարսավելի հիմարություն է մնալ այստեղ, և բժշկի սպառնալիքն էլ միշտ կախված կլինի իրենց գլխին։ Բայց թագավորն ասաց․

― Անիծվի այդ բժիշկը։ Ի՞նչ կարող է անել։ Մի՞թե ավանի բոլոր հիմարները մեր կողմը չեն։ Իսկ հիմարներն ամեն քաղաքում էլ մեծամասնություն են կազմում։

Նրանք նորից պատրաստվեցին իջնելու ներքև։ Դուքսն ասաց․

― Իմ կարծիքով, դրամը լավ տեղ չի թաքցված։

Այդ լսելով՝ ականջներս սրեցի։ Արդեն թվում էր, թե գործին օգնող ոչ մի խոսակցություն չեմ լսի։ Թագավորն ասաց․

― Ինչո՞ւ։

― Որովհետև Մերի Ջեյնն այսուհետև սգո շորեր կհագնի։ Նա սենյակները մաքրող նեգրին կկարգադրի մյուս զգեստները հավաքել սնդուկի մեջ և մի կողմ դնել, իսկ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է նեգրը դրամի կողքով անցնել ու մի բան չվերցնել։

― Գլուխդ նորից լավ է գործում, դուքս, ― ասաց թագավորը և խարխափելով անցավ վարագույրի ետևը, ինձանից երկու֊երեք ոտնաչափ հեռու։ Ես ամուր կպել էի պատին և անշարժ կանգնել էի։ Դողդողալով ինքս ինձ հարցնում էի, թե ի՞նչ կասեն այս մարդիկ, երբ ինձ այստեղ բռնեն։ Մտածում էի, թե այդ դեպքում ի՞նչ պատասխան տամ, որ ամենից հարմար լինի։ Բայց նախքան ժամանակ ունեցա որևէ բան մտածելու, թագավորը վերցրեց տոպրակը և խցկեց ծղոտե բարձի մեջ, որ դրված էր փետուրներով լցրած ներքնակի տակ։ Տոպրակը մեկ֊երկու ոտնաչափ բարձի մեջ ներս տանելուց հետո թագավորն ասաց, թե այժմ ամեն ինչ կարգին է, որովհետև նեգրը միայն փետուրե ներքնակին է ձեռք տալիս և հազիվ թե տարին մեկ֊երկու անգամ շուռ տա ծղոտե բարձերը, այնպես որ այժմ գողանալու վտանգ չկա։

Բայց ես լավ գիտեի, որ նա սխալվում է։ Տոպրակը դուրս բերեցի, երբ նրանք սանդուղքը կիսով չափ էլ չէին իջել։ Խարխափելով շտապեցի ձեղնահարկ, իմ սենյակը, և դրամը թաքցրի այնտեղ, մինչև առիթ լինի ավելի հարմար տեղ ընտրել։ Մտածեցի, թե ավելի լավ է տնից դուրս մի տեղ թաքցնել, որովհետև երբ նրանք շոշափելով իմանան, որ տոպրակն իր տեղում չէ, տունը տակնուվրա կանեն։ Ես այդ լավ գիտեի։ Այնուհետև ես շորերով պառկեցի մահճակալին։ Քնել չէի կարող, եթե նույնիսկ ցանկանայի։ Քափ ու քրտինք մտած՝ ուզում էի վերջացնել այդ գործը։ Շուտով լսեցի, որ թագավորն ու դուքսը բարձրանում են վեր։ Անկողինը դեն գցեցի, ծնոտս աստիճանների գլխին դեմ արած պառկեցի և սպասեցի։ Ուզում էի տեսնել, թե ինչ է լինելու։ Բայց ոչինչ չպատահեց։

Ես այդպես սպասեցի մինչև իրիկնային աղմուկը դադարեց, իսկ առավոտյան աղմուկը դեռ չէր սկսվել։ Սանդուղքով ցած իջա։


Գլուխ քսանյոթերորդ

Ես սողալով հասա նրանց դռների մոտ և ականջ դրի։ Խռմփում էին։ Ոտքերի մատների վրա շարժվելով՝ բարեհաջող իջա ներքնահարկը։ Ոչ մի տեղ ձայն չկար։ Ճաշարանի դռան մի ճեղքից գաղտագողի նայեցի սրահը և տեսա, որ դիակի մոտ նստած բոլոր մարդիկ խոր քնել են իրենց աթոռների վրա։ Հյուրասենյակի դուռը բաց էր․ ներսում դրված էր դիակը։ Երկու սենյակներում էլ վառվում էին մեկական մոմ։ Ես մտա հյուրասենյակը․ ոչ ոք չկար այնտեղ, բացի Պիտերի աճյունից։ Շարժվեցի առաջ, բայց մուտքի դուռը փակ էր, և բանալին էլ վրան չէր։ Այդ պահին լսեցի ոտնաձայն։ Ինչ֊որ մեկն իմ թիկունքում վերևից ներքև էր իջնում։ Վազեցի հյուրասենյակը և արագ նայեցի շուրջս։ Միակ տեղը, ուր կարելի էր ոսկու տոպրակը թաքցնել, դագաղն էր։ Կափարիչը մոտ մեկ ոտնաչափ ցած էին քաշել, որպեսզի մարդիկ տեսնեին հանգուցյալի դեմքը։ Երևում էին գլխին փռած թաց շորը և պատանը։ Տոպրակը կախեցի կափարիչի տակ, այնտեղ, ուր ձեռքերն էին ծալված։ Դրանց դիպչելիս մարմինս փշաքաղվեց․ այնպե՜ս սառն էին։ Փախա, այնտեղից ու թաքնվեցի դռան ետևում։

Եկողը Մերի Ջեյնն էր։ Նա կամացուկ մոտեցավ դագաղին և ծնկի իջած՝ նայեց։ Ապա թաշկինակը բռնեց աչքերին և լաց եղավ։ Ես չէի լսում ձայնը․ միայն թիկունքն էի տեսնում։ Դուրս ծլկեցի և ճաշասենյակով անցնելիս մտածեցի, թե արդյո՞ք դիակի մոտ նստածներից ոչ մեկն ինձ չտեսավ։ Դռան ճեղքից նայեցի ներս։ Ամեն ինչ խաղաղ էր։ Նրանք տեղից չէին շարժվել։

Ես անկողին մտա ընկած տրամադրությամբ։ Պատճառն այդ ձևով խաղացած իմ դերն էր, այն էլ այդքան չարչարվելուց ու այդպիսի վտանգի ենթարկվելուց հետո։ Ինքս ինձ ասում էի․ եթե տոպրակը մնար այնտեղ, ուր դրել էի, շատ լավ կլիներ, որովհետև երբ մենք գետով հարյուր կամ երկու հարյուր մղոն իջնենք ներքև, կարող եմ գրել Մերի Ջեյնին։ Նա կարող է քանդել գերեզմանը և վերցնել դրամը։ Բայց այդպես չի պատահի․ դրամը կգտնեն դագաղի կափարիչն ամրացնելիս։ Այդ դեպքում տոպրակը նորից կընկնի թագավորի ձեռքը, և երկար ժամանակ կպահանջվի, մինչև նա թույլ կտա, որ որևէ մեկը դա թռցնի իրենից։ Իհարկե, ես նորից ուզում էի ցած իջնել, դրամը դուրս բերել, բայց չէի համարձակվում։ Րոպե առ րոպե առավոտը մոտենում էր։ Շուտով պահապաններից մի քանիսը կսկսեին շարժվել, և ես, վեց հազար դոլարը ձեռքիս, կարող էի բռնվել, այն դեպքում, երբ ոչ ոք ինձ չէր վարձել, որ հոգ տանեմ դրամի մասին։

Առավոտյան, երբ իջա ներքև, հյուրասենյակի դուռը փակ էր։ Պահապանները գնացել էին։ Ոչ ոք չկար, բացի ընտանիքի անդամներից, այրի Բարթլիից և մեր խմբից։ Ես նայում է նրանց դեմքերին տեսնելու, թե որևէ բան պատահե՞լ է, բայց ոչինչ չկռահեցի։

Օրվա կեսին եկավ թաղման բյուրոյի պետը իր մարդկանցով։ Նրանք դագաղը դրեցին սենյակի կենտրոնում, երկու աթոռի վրա, իսկ մեր աթոռները շարեցին սրահում, հարևաններից էլ բերեցին աթոռներ, մինչև սրահում և ճաշասենյակում այլևս ազատ տեղ չմնաց։ Ես նկատեցի, որ դագաղի կափարիչը նախկին դիրքում է, բայց մարդկանց ներկայությունը թույլ չէր տալիս, որ գնայի, նայեի դրա տակը։

Բազմությունը հավաքվեց։ Խաբեբաներն ու աղջիկները նստեցին առաջին շարքում, դագաղի գլխավերևը։ Կես ժամ մարդիկ շարքով, դանդաղաքայլ անցան դագաղի մոտով, մի րոպե նայելով հանգուցյալի դեմքին։ Մի քանիսի աչքերից արցունքներ էին գլորվում։ Ամեն ինչ խաղաղ էր ու հանդիսավոր, միայն աղջիկներն ու խաբեբաներն էին աչքերը ծածկել թաշկինակներով և գլուխները խոնարհած՝ երբեմն հեկեկում էին։ Ոչ մի ձայն չէր լսվում, բացի ոտքերի քստքստոցից և խնչոցներից, քանի որ մարդիկ միշտ ավելի շատ են քիթ սրբում հուղարկավորությունների ժամանակ, քան որևէ այլ տեղում, բացի եկեղեցուց։

Երբ տունը լցված էր մարդկանցով, թաղման տնօրենը սև ձեռնոցներ հագած, մեղմաբարո և քաղաքավարի պտտվեց դագաղի շուրջը, վերջին անգամ հետևելով, որ ամեն ինչ կարգին լինի։ Նա նույնքան անաղմուկ էր քայլում, որքան կատուն։ Երբեք չէր խոսում։ Մարդկանց տեղավորելը, ուշացածներին մի կերպ ներս խցկելը, ճանապարհ բաց անելը, ամեն ինչ կատարում էր գլխի շարժումներով ու ձեռքի նշաններով։ Ապա նա գրավեց իր տեղը պատի մոտ։ Ես իմ կյանքում այդքան սուսուփուս, աննշմար, հաճոյացող մարդ չէի տեսել։ Նա նույնքան անժպիտ էր, որքան խոզի ապխտած ազդրը։

Նրանք ծանոթներից բերել էին փչացած մի երգեհոնիկ, և երբ ամեն ինչ պատրաստ էր, մի երիտասարդ կին նստեց ու նվագեց։ Ճռնչոցն ու նվնվոցն անպակաս էին։ Բոլորը միացան նվագին ու երգեցին։ Իմ կարծիքով միայն Պիտերն էր, որ հանգիստ էր։ Ապա արժանապատիվ Հոբսոնը դանդաղ ու հանդիսավոր կերպով գործի անցավ և խոսեց։ Նա դեռ նոր էր սկսել, երբ ներքնահարկից լսվեց սարսափելի, անլուր մի վայնասուն։ Դա միայն մի շուն էր, բայց կարծես մի ամբողջ ոհմակ լիներ։ Հաչոցը չէր դադարում։ Քահանան ստիպված եղավ լռել և սպասել դագաղի կողքին։ Ոչինչ հնարավոր չէր լսել, մարդ նույնիսկ իր մտքի թելն էր կորցնում։ Չափազանց անհարմար վիճակ էր, և ոչ ոք չգիտեր՝ ինչ անել։ Շուտով մարդիկ տեսան, որ թաղումը կազմակերպող երկարասրունք մարդը ձեռքով ինչ֊որ բան է հասկացնում քահանային։ Կարծես ուզում էր ասել․ «Մի անհանգստացեք, հույսներդ դրեք ինձ վրա»։ Նա պատի տակով շարժվեց դեպի դուրս կռանալով այնքան, որ մարդկանց գլխավերևից միայն ուսերն էին երևում։ Մինչ նա գնում էր, շան հաչոցն ավելի ու ավելի կատաղի էր դառնում։ Վերջապես անցնելով սենյակի երկու պատերի տակով, դուրս եկավ և իջավ նկուղ։ Քիչ անց լսեցինք ուժեղ հարվածի ձայն, և շունը խլացուցիչ կաղկանձից հետո հանդարտվեց։ Նորից տիրեց մեռելային լռություն։ Քահանան վերսկսեց իր հանդիսավոր ճառը։ Մեկ֊երկու րոպե հետո վերադարձավ թաղման տնօրենը, նորից ուսերը սահեցնելով պատերի երկայնքով։ Եվ նա, կուչ եկած, այդպես սահեց սենյակի երեք կողմով ու կանգ առավ և, ձեռքերը ձագարաձև պահելով բերանի դեմը, վիզը մարդկանց գլխավերևով երկարացնելով դեպի քահանան, խռպոտ շշնջյունով ասաց․ «Շունը առնետ էր բռնել»։ Ապա նա նորից խոնարհվեց ու նորից պատի տակով գնաց իր տեղը։ Կարելի էր նկատել, որ այդ լուրը մեծ գոհունակություն պատճառեց մարդկանց, որովհետև բնականորեն նրանք ուզում էին եղածն իմանալ։ Նման փոքրիկ մի բան իմանալը ծախս չի պահանջում, բայց հենց այդ փոքրիկ բաներն են, որ գրավում են հասարակության ուշադրությունը և համակրանք ստեղծում։

Այդ ավանում թաղման տնօրենից ավելի ժողովրդական մարդ չկար։

Դամբանական ճառը շատ լավ էր, բայց Պիսոնի[21] չափ երկար էր ու ձանձրալի։ Թագավորը չհամբերելով՝ ելույթ ունեցավ և դուրս տվեց իր սովորական անհեթությունները։ Վերջապես ծիսակատարությունն ավարտվեց, և թաղման տնօրենն իր պտուտակիչով մի պտույտ կատարեց դագաղի շուրջը։ Քրտինքը պատել էր ինձ․ ես լարված ուշադրությամբ նայում էի։ Բայց նա բոլորովին չխառնեց դագաղը, միայն կափարիչը տնտղեց ու պտուտակներով ամրացրեց։ Այժմ ինձ մի այլ բան էր անհանգստացնում․ չգիտեի, դրամը դագաղո՞ւմ է, թե՞ ոչ։ Ենթադրենք, ասացի մտքումս, թե մեկը տոպրակն այնտեղից վերցրել է, այժմ ինչպես որոշեմ, գրե՞մ Մերի Ջյենին, թե՞ ոչ։ Ասենք, թե նա նորից բացում է գերեզմանը և ոչինչ չի գտնում, այդ դեպքում ի՞նչ կմտածի իմ մասին։ Գրողը տանի, ասացի ինքս ինձ, այդ դեպքում կհետապնդեն ինձ և կբանտարկեն։ Ավելի լավ է՝ ձայնս կտրեմ և այդ հարցը թողնեմ մութ․ իբր թե ոչինչ չգիտեմ։ Այժմ իրերի դրությունը սարսափելիորեն խառն է։ Փորձեցի լավացնել այն, բայց հազար անգամ ավելի վատացրի, և լավն այն կլիներ, որ բոլորովին չխառնվեի։ Գործը ամբողջովին տանուլ էր տրված։

Պիտերին թաղեցին, և մենք վերադարձանք տուն։ Ես շարունակեցի նայել նրանց դեմքերին, բայց իզուր, հանգստանալ չէի կարող, դեմքերն ինձ ոչինչ չէին ասում։

Երեկոյան թագավորն այցելեց բոլորին, բոլորի սիրտը շահեց, ձևացավ իսկական բարեկամ։ Միաժամանակ հասկացրեց, որ Անգլիայում իր միաբանությունը կանհանգստանա, ուստի ինքը պետք է շտապի վերջացնել ունեցվածքի ժառանգության հարցը և վերադառնա Անգլիա։ Նա շատ էր ցավում, որ այդպես շտապում է։ Ցավում էին և բոլորը։ Ուզում էին, որ կարողանար ավելի երկար մնալ, բայց տեսնում էին, որ դա հնարավոր չէ։ Նա հայտարարեց, թե, իհարկե, ինքն ու Վիլյամն աղջիկներին կտանեն իրենց հետ։ Այդ բանը բոլորին դուր եկավ, որովհետև այդ դեպքում աղջիկները լավ տեղավորված կլինեին և կապրեին հարազատների մոտ։ Այս բանը շատ հաճելի էր նաև աղջիկների համար։ Այնպես էին ուրախացել, որ մոռացել էին, թե իրենք աշխարհում երբևէ վիշտ են ունեցել։ Նրանք թագավորին ասացին, որ հնարավորության չափ շուտ վաճառի ամեն ինչ, իսկ իրենք կպատրաստվեն ճանապարհ ընկնելու։ Խեղճ արարածներն այնպես ուրախ ու երջանիկ էին զգում իրենց, որ սիրտս ցավում էր, տեսնելով, թե նրանք որքան խաբված են ու կողոպտված։ Բայց միջամտելու ու ընդհանուր խաղը փոխելու ոչ մի ապահով միջոց չէի տեսնում։

Անիծվեմ ես, եթե թագավորը թաղումից հետո չհայտարարեց տունը, նեգրերին ու ամբողջ գույքը հրապարակային աճուրդում վաճառելու մասին, որը տեղի էր ունենալու երկու օր հետո, բայց անհատապես էլ որևէ մեկը կարող էր գնել, եթե ցանկանար։

Թաղման հաջորդ օրը մոտավորապես կեսօրին աղջիկների ուրախությունն ստացավ առաջին հարվածը։ Եկան նեգրերի առևտրով զբաղվող երկու հոգի, և թագավորը լավ գնով վաճառեց նեգրերին, երեք օրում վճարվող չեկի պայմանով, ինչպես սահմանված էր։ Եվ այդ մարդիկ գնացին, երկու նեգր տղաներին իրենց հետ տանելով գետն ի վեր՝ Մեմֆիս, իսկ նրանց մորը՝ ներքև՝ Նոր Օռլեան։ Ես մտածում էի, որ խեղճ աղջիկների և նրանց նեգրերի սիրտը վշտից կտոր֊կտոր կլինի։ Նրանք վերջին անգամ գրկախառնվելով՝ լաց էին լինում, արտահայտելով այնպիսի կսկիծ, որ ես նայելիս շատ հուզվեցի։ Աղջիկներն ասում էին, որ իրենց մտքով երբեք չի անցել, թե այդ ընտանիքը կտեսնեն այդպես բաժանված ու վաճառված քաղաքից դուրս։ Ես երբեք չեմ կարող իմ հիշողությունից դուրս հանել այդ տեսարանը։ Խեղճ, թշվառ աղջիկները և նեգրերն իրար պարանոցից կախված՝ արտասվում էին։ Ես չէի կարողանա տանել այդ բանը և կմատնեի այդ մարդկանց, եթե չիմանայի, որ վաճառքն ապօրինի, և նեգրերը մեկ֊երկու շաբաթում կվերադառնան իրենց տեղը։ Այդ վաճառքը մեծապես հուզեց նաև ավանի բնակիչներին, և շատերը վճռականորեն բողոքեցին, ասելով, որ խայտառակություն է մորն ու երեխաներին իրարից այդպես բաժանելը։ Դա որոշ չափով վնասեց մեր խարդախներին, բայց ծերուկ հիմարը ջանում էր շահավետ գնով վաճառել, հաշվի չառնելով ոչ մի բան, որը կարող էր դուքսն ասել կամ անել։ Պետք է ասել, որ դուքսը շատ անհանգիստ էր։

Հաջորդ օրն աճուրդն սկսվելու էր։ Առավոտյան, երբ լույսը բացվեց, թագավորն ու դուքսը եկան ձեղնահարկը և արթնացրին ինձ․ նրանց նայվածքից ես հասկացա, որ տհաճ բան կա։ Թագավորն ասաց․

― Երեկ չէ մյուս օրը երեկոյան եղե՞լ ես իմ սենյակում։

― Ոչ, ձերդ մեծություն (ես միշտ այդպես էի ասում նրան, երբ, մերոնցից բացի, ոչ ոք չէր լինում մեզ մոտ)։

― Երեկ ցերեկը կամ այս գիշե՞ր էլ չես եղել։

― Ոչ, ձերդ մեծություն։

― Ազնիվ եղիր, սուտ չասես։

― Ազնիվ խոսք, ձերդ մեծություն։ Ճիշտ եմ ասում։ Ես ձեր սենյակի մոտ չեմ եկել սկսած այն ժամանակից, երբ միսս Մերի Ջյենը ձեզ և դքսին տարավ վեր և ցույց տվեց սենյակը։

Դուքսն ասաց․

― Ոչ ոքի չե՞ս տեսել այնտեղ մտնելիս։

― Ոչ, ձերդ պայծառափայլություն, որքան հիշում եմ, չեմ տեսել, հավատացած եմ։

― Հապա լա՛վ մտածիր։

Ես մի պահ մտածեցի՝ տեսնելու, թե ինչ ընտրություն կարելի է անել, ապա ասացի․

― Մի անգամ տեսել եմ նեգրերին այնտեղ մտնելիս։

Նրանք երկուսն էլ մի փոքր շարժվեցին տեղում, այնպիսի տեսք ստանալով, կարծես երբեք չէին սպասում նման բան, միաժամանակ ցույց տալով, թե դա անսպասելի չէ։ Ապա դուքսն ասաց․

― Ինչպե՞ս, բոլորը միասի՞ն։

― Ոչ, ո՛չ բոլորը միասին․․․ այսինքն՝ չեմ կարծում, թե երբևէ տեսել եմ բոլորին միանգամից այնտեղից դուրս գալիս, միայն մի անգամ․․․

― Հապա՛, հապա՛։ Այդ ե՞րբ էր։

― Դա հուղարկավորության օրն էր, առավոտյան։ Այնքան էլ վաղ չէր, ես երկար էի քնել։ Աստիճաններով ներքև էի իջնում և տեսա նրանց։

― Լավ, շարունակիր, շարունակիր։ Ի՞նչ էին անում, ինչպե՞ս էին իրենց պահում։

― Ոչինչ չէին անում։ Առանձին ձևացումներ, որքան հիշում եմ, չտեսա։ Նրանք ոտքերի մատների վրա քայլելով հեռացան։ Այնպես որ ես բավական պարզ տեսա, որ նրանք, ըստ երևույթին, գնացել էին կարգի բերելու ձերդ մեծության սենյակը կամ նման մի բան անելու, ենթադրելով, որ դուք վեր եք կացել։ Բայց գտնելով, որ դուք դեռ քնած եք, առանց ձեզ արթնացնելու դուրս են եկել, թեև արդեն չէին արթնացրել ձեզ։

― Ա՛յ քեզ փորձանք, ― ասաց թագավորը, և նրանք երկուսն էլ բավական վատ, տխմարացած տեսք ունեին։ Մի րոպե նրանք կանգնած՝ մտածում ու գլուխներն էին քորում։ Ապա դուքսը պոռթկաց մի տեսակ զայրացկոտ ծիծաղով և ասաց․

― Ա՜յ թե հնարամիտ էին։ Այդ նեգրերը ի՜նչ հիանալի խաղացին իրենց դերը։ Այնպես էին ձևացնում, թե շատ են ցավում, որ այստեղից գնում են և մենք էլ՝ ես, դուք, ամեն ոք, հավատացած էինք, թե իսկապես ցավում են։ Այլևս չասեք, թե նեգրը չունի շինծու, կեղծ վիշտ ցույց տալու տաղանդ։ Այն եղանակը, որով նրանք խաղացին այդ դերը, ում ասեք կհիմարացներ։ Իմ կարծիքով, դրանք հարստության աղբյուր են։ Եթե ես ունենայի դրամագլուխ և թատրոն, ցուցադրելու համար սրանից ավելի լավ բան չէի ուզենա։ Իսկ մենք վաճառեցինք չափազանց չնչին գնով և այդ չնչին գինն էլ չենք ստացել։ Ասա, որտե՞ղ է այդ վճարի չեկը։

― Բանկում, ժամկետին է սպասում, որտեղ պիտի լինի։

― Լավ, այդ դեպքում լավ, փառք աստծո։

Ես մի տեսակ երկչոտությամբ հարցրի․

― Բա՞ն է պատահել։

Թագավորը խոյացավ ինձ վրա ու բղավեց․

― Քո գործը չէ, լեզուդ քե՛զ քաշիր և գործիդ կաց, եթե գործ ունես։ Քանի դեռ այս ավանում ենք, չմոռանաս, լսո՞ւմ ես։

Ապա ասաց դքսին․

― Մենք պետք է կուլ տանք այդ և ոչինչ չասենք․ լեզուներս պիտի ներս քաշենք, ուրիշ ոչինչ։

Մինչ նրանք իջնում էին աստիճաններով, դուքսը քրքջաց և ասաց․

― Շտապ վաճառք և չնչին օգուտ։ Լավ գործ է, չէ՞։

Թագավորը խեթ֊խեթ նայեց և ասաց․

― Ես աշխատում էի լավագույն ձևով գլուխ բերել գործը, երբ այդպես շտապում էի վաճառել դրանց։ Եթե օգուտը չնչին եղավ, և կորուստն էլ մեծ, ապա դրանում դուք նույնքան մեղավոր եք, որքան ես։

― Լավ, եթե իմ խորհրդին հետևեիք, նեգրերը դեռ այստեղ կլինեին, իսկ մենք՝ գնացած։

Թագավորը հայհոյեց, թեև այնպես չափավոր, որ իրեն չվնասեր, ապա նայեց շուրջն ու աչքերը չռեց վրաս։ Նա ինձ խիստ հանդիմանեց, որ չէի գնացել, հայտնել իրեն, թե նեգրերի եմ տեսել իր սենյակից դուրս գալիս և մատների վրա կամացուկ քայլելիս։ Ասաց, որ ամեն հիմար էլ դրանից մի բան կհասկանար։ Մի պտույտ գործեց ու սկսեց ինքն իրեն հայհոյել, ասելով, որ այդ ամբողջը արդյունք է այն բանի, որ ինքն ուշ է անկողին մտել, առավոտյան իր բնական հանգիստը չի առել և անիծվի ինքը, եթե մեկ էլ նման սխալ կրկնի։ Նրանք հեռացան հայհոյելով, իսկ ես անչափ ուրախ էի, որ կարողացա մեղքը նեգրերի վրա բարդել, առանց նրանց որևէ վնաս տալու։


Գլուխ քսանութերորդ

Շուտով վեր կենալու ժամանակը եկավ։ Ես աստիճաններով իջա ներքևի հարկը։ Երբ անցա աղջիկների սենյակի մոտով, դուռը բաց էր, և ես տեսա Մերի Ջեյնին իր սնդուկի մոտ նստած, որը բաց էր, և նա իրեր էր դասավորում, պատրաստվելով մեկնել Անգլիա։ Միայն թե այդ պահին նա ոչինչ չէր անում․ ծնկներին ծալած մի զգեստ էր գցել և դեմքը ձեռքերի մեջ առած՝ լաց էր լինում։ Ինձ սարսափելի վատ զգացի՝ տեսնելով նրան այդ վիճակում։ Ով էլ իմ տեղը լիներ, կխղճահարվեր։ Ես ներս մտա և ասացի․

― Միսս Մերի Ջեյն, դուք չեք կարող տանել, երբ մարդկանց տեսնում եք ձախորդության մեջ։ Ես էլ միշտ այդպես եմ։ Ասացեք, ի՞նչ է պատահել։

Եվ նա պատմեց։ Նրա վիշտը նեգրերն էին։ Ես այդպես էլ գիտեի։ Ասաց, որ դեպի Անգլիա սպասվող ճանապարհորդության հաճույքը դրանով թունավորվեց, որ ինքը չգիտե, թե ինչպես կարող է երջանիկ զգալ իրեն այնտեղ, երբ միշտ պիտի հիշի, որ նեգր մայր ու երեխաները այլևս իրար չեն տեսնելու։ Եվ նա ավելի դառնորեն սկսեց արտասվել ու ձեռքերն իրար խփելով ասաց․

― Օ՜հ, աստվա՜ծ իմ, չէ՞ որ այլևս իրար չեն տեսնելու։

― Բայց կտեսնեն, ամենաուշը երկու շաբաթում, ես հաստատ գիտեմ, ― ասացի ես։

Օրենքի ուժն իմ մտածելուց առաջ էր անցել։ Դեռ չէի շարժվել տեղիցս, երբ նա թևրը պարզեց իմ պարանոցի շուրջը և ասաց, որ այդ բառերը նորից, նորից ու նորից կրկնեմ։

Զգացի, որ բերանիցս խոսք թռցրի և ասացի ավելին, քան կարելի էր։ Ի՞նչ անեի։ Խնդրեցի թույլ տալ մեկ րոպե մտածելու։ Նա նստած էր՝ անհամբեր, հուզված, գեղեցիկ, բայց իմ ասածից մասամբ երջանկացած, թեթևացած էր զգում իրեն այնպես, ինչպես ցավոտ ատամ քաշած մարդը։ Ուստի ես սկսեցի մտքումս ծանրութեթև անել անելիքս։ Ինքս ինձ դատում էի․ եթե մեկը, նեղն ընկնելիս ճշմարտությունն է ասում, մեծ վտանգի է ենթարկում իրեն։ Ես փորձառություն չունեի և այդ պահին հաստատ չէի կարող ասել, թե դա որքան վտանգավոր է։ Բայց թվում էր, թե այդպես է։ Սակայն այստեղ հանգամանքն այնպիսին էր, որ ավելի լավ էր ասել ճշմարտությունը։ Դա ավելի քիչ էր վտանգավոր, քան սուտը։ Պետք է հիշեի և ազատ ժամանակ քննարկեի այդ հարցը, որը տարօրինակ էր և կանոնների հակառակ։ Նման բան երբեք չէի տեսել։ Վերջապես, ասացի ինքս ինձ, որ պետք է փորձեմ, այս անգամ պիտի վեր կենամ և ասեմ ճշմարտությունը, թեև դա չափազանց նման էր վառոդի տակառի վրա նստելուն, երբ հետաքրքրությունից պայթեցնում են՝ տեսնելու, թե այն ուր է շպրտում իրենց։ Եվ ես ասացի․

― Միսս Մերի Ջեյն, դուք քաղաքից դուրս ունե՞ք մի տեղ, ուր կարողանաք գնալ և մնալ երեք֊չորս օրով։

― Այո, միստր Լոթրոփի տունը։ Իսկ ինչո՞ւ եք հարցնում։

― Առայժմ հետաքրքիր չէ, թե ինչու։ Եթե ես ասեմ ձեզ, թե նեգրերն ինչպես են իրար տեսնելու․․․ երկու շաբաթում․․․ այս տան մեջ․․․ և ապացուցեմ, թե որտեղից գիտեմ, այդ դեպքում դուք կգնա՞ք միստր Լոթրոփի մոտ և այնտեղ կմնա՞ք չորս օր։

― Չորս օ՜ր, ― ասաց նա, ― մի տարի կմնամ։

― Շատ լավ, ― ասացի ես, ― ես ձեզանից ավելին չեմ ուզում, քան ձեր խոստումը, դա ինձ համար ավելին է, քան մի այլ մարդու՝ Աստվածաշունչ համբուրելը։

― Նա ժպտաց ու շատ անուշ շիկնեց։ Ես ասացի․

― Եթե թույլ կտաք, ես կծածկեմ դուռը և կկողպեմ։

Այնուհետև վերադարձա տեղս, նստեցի և ասացի․

― Չզբաղվեք, հանգիստ նստեք և ասածներս ընդունեք, ինչպես տղամարդ։ Ես որոշել եմ ձեզ ճշմարտությունն ասել, իսկ դուք ձեզ պետք է պինդ պահեք, միսս Մերի, որովհետև լավ բան չեմ ասելու և լսելն էլ ծանր է։ Բայց ուրիշ ճար չկա։ Ձեր այս հորեղբայրները ձեր հորեղբայները չեն, դրանք երկու խարդախ մարդիկ են, իսկական թափառաշրջիկներ։ Ահա, ամենավատն ասացի, մնացածը հեշտ է տանելը։

Այդ լուրը, իհարկե, նրան ցնցեց, բայց ես այժմ գտնվում էի ծանծաղ ջրում և ուղղակի արշավեցի առաջ։ Ամբողջ ժամանակ նրա աչքերը ավելի ու ավելի բոցավառվեցին։ Պատմեցի ամեն մի պարսավելի մանրամասնություն, սկսած այն պահից, երբ առաջին անգամ հանդիպեցինք այդ երիտասարդ հիմարին, որը շոգենավով բարձրանալու էր վեր, և հասցրի մինչև այնտեղ, երբ աղջիկը տան շեմքին իրեն գցեց թագավորի գիրկը, և թագավորը նրան համբուրեց տասնվեց֊տասնյոթ անգամ։ Մերին վերջալույսի պես շառագունած՝ վեր թռավ, գոչելով։

― Օ՜հ, այդ անասո՜ւնը։ Դե՛հ, չպետք է ոչ մի րոպե կորցնել, պետք է դրանց պատել կուպրով, փետուրների մեջ թավալել տալ ու գցել գետը։

Ես ասացի․

― Իհարկե։ Բայց ե՞րբ եք ուզում այդ անել, նախքան Լոթրոփի տունը գնա՞լը, թե՞․․․

― Օ՜հ, ինչի՜ մասին եմ մտածում, ― ասաց նա ու նստեց իր տեղը, ― մի՛ լսեք իմ ասածները, խնդրում եմ, հաշվի մի՛ առեք։ Չեք առնի, չէ՞։

Նա իր թավշյա ձեռքը այնպե՜ս քնքշորեն դրեց իմ ձեռքին, որ ես մտքումս վճռեցի․ կմեռնեմ, բայց նրա ասածից դուրս չեմ գա։

― Ես երբեք չմտածեցի, թե այդպես կհուզվեմ, ― ասաց նա, ― այժմ շարունակեցեք, ես այլևս այդպես չեմ վարվի։ Ասացեք ի՞նչ անեմ։ Ինչ էլ որ ասեք, կկատարեմ։

― Լավ, ասացի ես, ― այդ երկու խարդախներն այլանդակ զույգ են կազմում։ Այնպես եղավ, որ ես ստիպված եմ նրանց հետ քիչ ավելի երկար ճանապարհորդել։ Ուզեմ, թե չուզեմ։ Թե ինչու՝ ավելի լավ է այդ մասին ձեզ ոչինչ չասեմ։ Եթե դուք այս ավանում նրանց մերկացնեք, ես կազատվեմ նրանց ճանկերից, և ամեն ինչ լավ կլինի ինձ համար։ Բայց կա մի ուրիշը, որին չեք ճանաչում, և որը մեծ նեղությունների մեջ կընկնի։ Մենք պետք է փրկենք նրան, այնպես չէ՞։ Ուրեմն՝ հասկանալի է, մենք չպետք է այստեղ նրանց մասին որևէ բան ասենք։

Այս խոսքերն ասելիս գլխումս մի լավ միտք ծագեց։ Ես տեսնում էի, թե ինչպես կարող էի ինձ ու Ջիմին ազատել այդ խարդախներից․ նրանց այստեղ բանտարկել տալ և ապա հեռանալ։ Բայց ես չէի ուզում լաստը ցերեկով գետն ի վար տանել․ շարունակ հարձուփորձ կանեին։ Դրա համար էլ վճռեցի սպասել մինչև մթնի։ Ես ասացի․

― Միսս Մերի Ջեյն, ասեմ, թե ինչ ենք անելու, և դուք ստիպված չեք լինի այդքան երկար ժամանակ մնալ միստր Լոթրոփի մոտ։ Այդ վայրը այստեղից որքա՞ն է հեռու։

― Չորս մղոնից ոչ պակաս․ գյուղական վայր է, ավանի ետևում։

― Ոչինչ, այնքան վատ չէ։ Այժմ գնացեք այնտեղ և հանգստացեք մինչև ժամը ինը կամ կամ ինն անց կես, ապա խնդրեցեք, որ ձեզ նորից բերեն այստեղ։ Պատճառ կբռնեք, թե բան եք մոռացել։ Եթե ժամը տասնմեկից առաջ լինեք այստեղ, պատուհանին մի մոմ դրեք, և եթե ես դրանից հետո չեկա, նշանակում է գնացել եմ և ապահով եմ։ Այնուհետև դուրս կգաք, ում որ պետք է կհայտնեք նրանց խարդախության մասին, և այդ գազաններին բանտարկել կտաք։

― Լավ, ― ասաց նա, ― այդպես կանեմ։

― Իսկ եթե պատահի, որ ես հեռացած չլինեմ, և ինձ էլ նրանց հետ ձերբակալեն, դուք կկանգնե՞ք, կասե՞ք, որ ես ամեն ինչ նախօրոք հայտնել եմ ձեզ և կպաշտպանե՞ք ինձ ձեր ամբողջ կարողությամբ։

― Կպաշտպանեմ ձեզ, իհարկե, կպաշտպանեմ։ Ոչ ոք ձեր մազին չի դիպչի, ― ասաց նա, և ես տեսա, թե ինչպես այդ պահին նրա ռունգերը լայնացան, աչքերը փայլեցին։

― Եթե ես հեռացած լինեմ, նշանակում է այստեղ չեմ լինի, ― ասացի ես, ― և չեմ կարողանա ապացուցել, որ այս սրիկաները ձեր հորեղբայրները չեն, չեմ կարող ապացուցել, եթե նույնիսկ այստեղ լինեմ։ Կարող եմ երդվել, որ դրանք խարդախ և թափառաշրջիկ մարդիկ են, ուրիշ ոչինչ։ Իհարկե, դա էլ մի բան արժե։ Բայց կան մարդիկ, որ կարող են այդ բանն ինձնից լավ ապացուցել, և դրանք այնպիսի մարդիկ են, որոնց վկայությունն այնպես շուտ կասկածի տակ չի առնվի, ինչպես իմը։ Կասեմ, թե ինչպես գտնել նրանց։ Տվեք ինձ մի մատիտ և թուղթ։ Ահա․ «Արքայական ընձուղտ, Բրիքսվիլ»։ Պահեցեք այդ թուղթը, չկորցնեք։ Երբ դատարանը կուզենա այս երկուսի մասին որոշ բան հայտնաբերել, թող լուր ուղարկի Բրիքսվիլ և ասի, որ ձերբակալել են այն մարդկանց, որոնք խաղացել են «Արքայական ընձուղտը», և խնդրի մի քանի վկա ուղարկել։ Այդ դեպքում ամբողջ քաղաքը, միսս Մերի, մեկ ակնթարթում կթափվի այստեղ։ Նրանք կգան սոսկալի կատաղած։

Իմ խելքով, այժմ ամեն ինչ ճիշտ էինք որոշել։ Ուստի ասացի․

― Թողեք աճուրդը շարունակվի և դրա համար մի՛ անհանգստացեք։ Ոչ ոք պարտավոր չէ գնած բանի համար վճարել, մինչև աճուրդից մեկ օր չանցնի, նկատի ունենալով հայտարարության կարճատևությունը։ Այդ խաբեբաներն էլ այստեղից չեն հեռանա, մինչև դրամը չստանան։ Իսկ մենք գործն այնպես ենք կարգադրել, որ այդ վաճառքը օրինական համարվել չի կարող։ Նրանք դրամը չեն ստանա։ Կստացվի այնպես, ինչպես նեգրերի հետ էր․ վաճառքն օրինական չէ, և նեգրերը շուտով ետ կգան։ Նրանք չեն կարող նեգրերի դիմաց վճար ստանալ։ Նրանք ամենադժվար կացության մեջ են ընկել, միսս Մերի։

― Լավ, հիմա ես կիջնեմ ներքև նախաճաշելու և ապա ուղիղ կմեկնեմ միստր Լոթրոփի տունը։

― Ոչ, այդ ճիշտ չի լինի, միսս Մերի Ջեյն, ― ասացի ես, ― դա ճիշտ չէ։ Նախաճաշից առաջ գնացեք։

― Ինչո՞ւ։

― Ձեր կարծիքով ես ի՞նչ նկատի ունեի, երբ խորհուրդ տվեցի գնալ, միսս Մերի։

― Երբեք այդ մասին չեմ մտածել, ոչ էլ մտածում եմ։ Չգիտեմ։ Ասացեք, ինչո՞ւ։

― Գնալու պատճառն այն է, որ դուք այս խաբեբաների նման աներես չեք։ Ես չգիտեմ այնպիսի մի գիրք, որ ձեր դեմքի չափ պարզ լինի։ Մեկնումեկը ձեր մտածածը կկարդա ձեր դեմքին, ինչպես խոշոր տառերով տպված մի գիրք։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եք գնալ, հանգիստ կանգնել ձեր «հորեղբայրների» առջև, երբ նրանք կգան, բարի լույս կմաղթեն ու կհամբուրեն ձեզ, և երբեք չեք․․․

― Հասկանալի է, հասկանալի, բավական է։ Այո, նախաճաշից առաջ պետք է գնալ, ուրախությամբ։ Քույրերիս թողնե՞մ նրանց մոտ։

― Այո․ նրանց մասին մի՛ մտածեք։ Նրանք դեռ որոշ ժամանակ պետք է համբերեն։ Եթե բոլորդ գնաք, նրանք կարող են կասկածել։ Չեմ ուզում, որ դուք տեսնեք նրանց, ոչ էլ ձեր քույրերին, ոչ էլ այս ավանում որևէ մեկին, որովհետև եթե այստեղի մի հարևան հարցնի, թե ձեր «հորեղբայրների» առողջությունն այս առավոտ ինչպես է, ձեր դեմքը որոշ բան կմատնի։ Ո՛չ, միսս Մերի Ջեյն, դուք անմիջապես գնացեք։ Ես ամեն ինչ այստեղ ձեր քույրերի հետ կկարգավորեմ։ Միսս Սյուզաննային կասեմ, որ ձեր սերն ու հարգանքը հայտնի նրանց և ասի, որ դուք մի քանի ժամով գնացել եք մի փոքր հանգստանալու, թարմանալու կամ մի բարեկամի տեսնելու և կվերադառնաք երեկոյան կամ վաղ առավոտյան։

― Գնալ բարեկամի տեսնելը շատ լավ է, բայց չեմ ուզում իմ սերն ու հարգանքը հայտնել նրանց։

― Լավ, թող այդպես լինի։

― Բայց քրոջն այդպես ասելը վատ չէր․ դրանից վնաս չէր գա։ Դա մի փոքրիկ բան էր, առանց նեղության։ Եվ հենց փոքրիկ բաներն են, որ ամենից ավելի են մարդկանց ճանապարհը հարթում։ Մերի Ջեյնը դրանով հանգիստ կլիներ, և ասելն էլ ոչ մի նեղություն չէր պատճառի։ Ապա ասացի․

― Եվս մի բան, դրամի տոպրակը։

― Է՛հ, դա նրանց ձեռքում է, որքա՜ն տխմար էի, որ հանձնեցի նրանց։

― Ո՛չ, դուք սխալվում եք։ Տոպրակը նրանց մոտ չէ։

― Ինչպե՞ս, ո՞վ է վերցրել։

― Լավ կլիներ, որ իմանայի ում մոտ է, բայց չգիտեմ։ Ինձ մոտ էր, որովհետև ես այն գողացա․ գողացա, որպեսզի ձեզ հանձնեմ։ Գիտեմ, թե որտեղ թաքցրի, բայց վախենում եմ, թե այնտեղ չէ։ Անչափ տխուր եմ դրա համար, միսս Մերի Ջեյն։ Ինձ համար ավելի ցավալի բան չէր կարող լինել։ Բայց ես ինչ կարողացել եմ, արել եմ, ազնիվ խոսք։ Քիչ էր մնում, որ բռնվեի և ստիպված եղա թաքցնել առաջին հանդիպած տեղում, միայն թե այնքան էլ հարմար տեղ չէր։

― Օ՜հ, բավական է մեղադրեք ինքներդ ձեզ, դա շատ վատ բան է, ես թույլ չեմ տա։ Ի՞նչ կարող էիք անել․ դա ձեր հանցանքը չէ։ Որտե՞ղ թաքցրիք։

Ես չէի ուզում նորոգել նրա վիշտը, չէի կարող բերան բաց անել ասելու այն, ինչ ստիպելու էր նրան տեսնելու դիակը դագաղում՝ դրամի տոպրակը փորին դրած։ Մի րոպե լռելուց հետ ասացի․

― Չեմ ուզում ասել, թե որտեղ դրեցի, միսս Մերի Ջեյն, եթե թույլ կտաք։ Բայց կգրեմ մի կտոր թղթի վրա, և դուք կարող եք կարդալ ճանապարհին, երբ կգնաք միստր Լոթրոփի մոտ, իհարկե, եթե ուզում եք։ Այդպես հնարավո՞ր է։

― Այո, կարելի է։

Ես գրեցի․ «Դրել եմ դագաղի մեջ։ Պարկը դագաղի մեջ էր, երբ դուք գիշերն լաց էիք լինում դիակի վրա։ Ես դռան հետևում էի և անչափ ցավում էի ձեզ համար, միսս Մերի Ջեյն»։

Աչքերս թրջվեցին, երբ հիշեցի նրա լացը՝ ուշ գիշերին, մենակ, դագաղի մոտ նստած։ Իսկ այդ սատանաները նույն հարկի տակ հանգիստ քնած էին և պատրաստվում էին նրան կողոպտել։ Երբ ծալեցի թուղթը և տվեցի, տեսա, որ աչքերը լցվում են արցունքի կաթիլներով։ Նա թոթվեց իմ ձեռքն ու ասաց․

― Ցտեսություն։ Ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես ասել եք։ Եթե ձեզ այլևս չտեսնեմ, երբեք չեմ մոռանա, միշտ կմտածեմ ձեր մասին և կաղոթեմ ձեզ համար։

― Եվ գնաց։

Աղոթե՞լ ինձ համար։ Կարծում եմ, եթե նա ինձ ճանաչեր, այնպիսի մի բան կվերցներ գլխովս տալու համար, ինչքան ուժը պատեր։ Բայց միևնույն է, նա կաղոթեր ինձ համար։ Նա այնպիսի աննկուն ոգի ուներ, որ կարող էր աղոթել Հուդայի համար, եթե նման միտք ունենար։ Մերին նահանջել չգիտեր։ Ինչ ուզում եք ասեք, բայց, իմ կարծիքով, նա իր մեջ ավելի շատ քաջություն, համարձակություն ուներ, քան իմ տեսած աղջիկներից որևէ մեկը։ Իմ կարծիքով, նա ոտքից գլուխ քաջություն էր։ Գուցե ասածս շողոքորթություն թվա, բայց դա այդպես չէ։ Իսկ եթե խոսքը գեղեցկության ու բարության վերաբերի, նա բոլորից բարձր կլինի։ Այն օրից Մերիին այլևս չեմ տեսել, բայց նրա մասին մտածել եմ, շատ ու շատ անգամ, միլիոն անգամ, հիշել նրա խոսքերը, թե կաղոթի ինձ համար։ Եվ եթե երբևէ մտածեի, թե իմ աղոթքը նրան որևէ չափով օգուտ կտա, անիծվեմ, եթե չաղոթեի։

Մերի Ջեյնը երևի բակի դռնից էր գնացել, որովհետև ոչ ոք չէր տեսել նրան։ Երբ տեսա Սյուզաննային և Նապաստակաշուրթին, հարցրի․

― Ի՞նչ է այն մարդու անունը, որին դուք երբեմն տեսակցության եք գնում․ ապրում է գետի մյուս կողմում։

Նրանք ասացին․

― Ծանոթները շատ են, բայց գլխավորապես Փրոքթորների մոտ ենք գնում։

― Այո, հենց այդ է, ― ասացի ես, ― մոռացել էի։ Լավ, միսս Մերի Ջեյնն ասաց ինձ, որ հայտնեմ ձեզ, թե ինքը շտապ գնում է այնտեղ․ նրանցից մեկը հիվանդ է։

― Ո՞ր մեկը։

― Չգիտեմ, մոռացա անունը, բայց կարծում եմ դա․․․

― Աստվա՜ծ իմ, դեռ անցյալ շաբաթ նա շատ լավ էր։ Շա՞տ վատ է։

― Վա՞տ։ Միսս Մերի Ջեյնն ասում էր, որ ամբողջ գիշեր նստած են եղել նրա կողքին։ Կարծել են, թե հազիվ գիշերը կլուսացնի։

― Մի տե՛ս, է՜։ Իսկ ի՞նչ է պատահել։

Ես չէի կարող իսկույն որևէ հարմար հիվանդություն հնարել, ուստի ասացի․

― Խոզուկով։

― Խոզուկով քո տատիկն է հիվանդ։ Խոզուկով հիվանդի կողքին ամբողջ գիշերը չեն նստի։

― Չե՞ն նստի, ասում եք։ Այդ տեսակի խոզուկի դեպքում նստում են։ Այս խոզուկները տարբեր են։ Միսս Մերի Ջեյնն ասում էր, որ դա նոր տեսակի է։

― Ինչո՞վ է նոր։

― Այլ բարդություններ է տալիս։

― Ի՞նչ այլ բարդություններ։

― Քութեշ, կապույտ հազ, կարմիր քամի, թոքախտ, դեղնախտ, ուղեղի բորբոքում և չգիտեմ էլ ինչ։

― Աստվա՜ծ իմ։ Եվ նրանք դա անվանում են խոզուկ։

― Միսս Մերի Ջեյնն այդպես ասաց։

― Իսկ ինչո՞ւ են անվանում խոզուկ։

― Որովհետև խոզուկը հենց այդ է։ Դրանից է սկսվում։

― Անիմաստ բան ես ասում։ Մեկը կարող է սկզբում ոտքի մատը կոճղի դիպցնել, այնուհետև թույն ընդունել, ջրհորն ընկնել, վիզը ջարդել ու դեղը դուրս թափել, և եթե մի ուրիշը հարցնի, թե ինչից մեռավ այդ մարդը, մի տխմար պիտի ասի, թե մատը կոճղին դիպցրեց։ Դրանում իմաստ կա՞։ Այստեղ էլ իմաստ չկա։ Վարակիչ է դա։

― Վարակի՞չ է։ Ի՜նչ եք ասում։ Նման է տափանի։ Մութ ժամանակը մոտենում էր, դիպչում մեր մատին, հետո էլ՝ մյուս մատներին, այնպես չէ՞։ Եվ չեք պրծնի մատից, մինչև ամբողջ տափանը ձեզ հետ քաշեք֊տանեք։ Դե՛հ, խոզուկը, կարելի է ասել, տափանից ավելի վատ է․ մի անգամ որ բռնվեցիք, ազատվել չկա։

― Սարսափելի է, ― ասաց Նապաստակաշուրթը, ― գնամ հորեղբայր Հարվիի մոտ և․․․

― Իհարկե, ― ասացի ես, ― ձեր տեղը լինեի, ոչ մի րոպե չէի կորցնի։

― Իսկ ինչո՞ւ։

― Մի րոպե լսեցեք և հուսով եմ, որ կհասկանաք։ Ձեր հորեղբայրները պարտավոր են հնարավորին չափ շուտ վերադառնալ Անգլիա։ Բայց ի՞նչ եք կարծում, նրանք այնքան ստոր կլինե՞ն, որ իրենք մեկնեն, իսկ ձեզ թողնեն, որ ամբողջ ճանապարհը մենակ գնաք։ Հասկանալի է, որ կսպասեն ձեզ։ Բացի այդ, ձեր հորեղբայր Հարվին քարոզիչ է, այնպես չէ՞։ Է՛հ, արդյոք քարոզիչը կխաբի՞ շոգենավի գործավարին, կխաբի՞, որպեսզի նրանք թույլ տան միսս Մերի Ջեյնին նավ բարձրանալ։ Իհարկե, դուք գիտեք, որ չի խաբի։ Ուրեմն ի՞նչ կանի։ Պարզ է, որ կասի․ «Շատ ցավալի է, բայց եկեղեցական գործերը պետք է հնարավորության չափ յոլա գնան առանց ինձ, քանի որ եղբորս դուստրը վարակվել է բազմակի, ահավոր հիվանդությամբ՝ խոզուկով։ Ուստի իմ հարկադրյալ պարտականությունն է նստել այստեղ և սպասել երեք ամիս, որպեսզի պարզվի, նա վարակվե՞լ է, թե՞ ոչ»։ Եթե գտնում եք, որ պետք է ձեր հորեղբայր Հարվիին հայտնել, ապա ոչ մի բանի ուշադրություն մի դարձրեք։

― Ա՛յ քեզ բան։ Ուրեմն՝ մենք այստեղ ենք մնալու և գժի նման շրջելու ենք այս ու այն կողմ, երբ բոլորս կարող էինք շատ լավ ժամանակ անցկացնել Անգլիայում, և սպասելու ենք, որպեսզի պարզենք, թե Մերի Ջեյնը վարակվե՞լ է։ Ի՜նչ դատարկ բաներ ես ասում։

― Լավ, համենայն դեպս գուցե հարևաններից մի քանիսին ասեք։

― Չէ՜ մի։ Դու բնածին ապուշությամբ բոլորին կհաղթես։ Մի՞թ չես հասկանում, որ նրանք իսկույն ամեն տեղ կտարածեն լուրը։ Մնում է միայն մի բան․ ոչ ոքի ոչինչ չասել։

― Լավ, գուցե դուք իրավացի եք։ Այո, կարծում եմ, որ իրավացի եք։

― Բայց թվում է, մենք պարտավոր ենք որևէ կերպ հորեղբայր Հարվիին ասել, որ նա կարճ ժամանակով տեղ է գնացել, որպեսզի հորեղբայրը չանհանգստանա։

― Այո, միսս Մերի Ջեյնն ուզում էր, որ հայտնեք։ Գնալիս ասաց․ «Ասացեք, որ հորեղբայրներ Հարվիին և Վիլյամին հաղորդեն իմ սերն ու համբույրները և ասեն, որ ես շտապ գնում եմ գետի մյուս կողմը տեսնելու միստր․․․ միստր․․․», ի՞նչ էր այդ հարուստ ընտանիքի ազգանունը, մոռացա։ Ձեր հորեղբայր Պիտերը սովորաբար շատ է հարգելիս եղել նրանց, այն ընտանիքը, որը․․․

― Երևի Ափթորիների մասին է խոսքը, չէ՞։

― Այո, այո, այդ էր․․․ Այնպիսի ազգանուններ ունեն, որ մարդ չի կարողանում հիշել։ Այո, այդ հայտնեք հորեղբայրներին, թե շտապ գնացել է Ափթորիների մոտ։ Խնդրելու է, որ անպայման գան աճուրդի և տունը գնեն․ հորեղբայր Պիտերն ավելի շուտ կուզենար նրա՛նք գնեին, քան մեկ ուրիշը։ Եվ նա նրանցից պոկ չի գա, մինչև խոսք չտան, թե կգան։ Այնուհետև, եթե շատ հոգնած չլինի, իսկույն կվերադառնա։ Իսկ եթե հոգնի, կվերադառնա ամենաուշը հաջորդ առավոտյան։ Միսս Մերի Ջեյնն ասաց, որ Փրոքթորների մասին ոչինչ չասեք, միայն Ափթորիների մասին ասեք, որը միանգամայն ճիշտ կլինի, որովհետև նրանց մոտ էլ կգնա՝ տունը գնելու կապակցությամբ։ Ես այդ գիտեմ․ ինձ ասել է։

― Շատ լավ, ― ասացին նրանք և վազեցին հորեղբայրների մոտ՝ նրանց հաղորդելու միսս Մերի Ջեյնի սերն ու համբույրները, ինչպես նաև մյուս մանրամասնությունները։

Այժմ ամեն ինչ լավ էր։ Աղջիկները ոչինչ չէին ասի, որովհետև ուզում էին Անգլիա գնալ։ Թագավորը և դուքսը նույնպես ուրախ էին նրա բացակայության համար։ Ավելի լավ էր, որ նա աճուրդի գործով զբաղվեր, քան թե մնար տանը, դոկտոր Ռոբինսոնի աչքի առաջ։ Ես ինձ շատ լավ էի զգում։ Իմ կարծիքով, դերս բավական ճարպկորեն կատարեցի։ Հազիվ թե Թոմ Սոյերը դրանից ավելի հարմար ելք գտներ։ Իհարկե, նա գործն ավելի կբարդացներ, բայց ես չէի կարող այդքան հմտություն ցուցաբերել։ Դե, այդ բանում վարժված չէի։

Աճուրդի գործը նրանք սկսեցին ավանի հրապարակում, իրիկնադեմին, և դա տևեց շատ երկար։ Ծերուկը պտտվում էր հայտարարողի շուրջը և երբեմն Աստվածաշնչից կեղծ բարեպաշտական խոսքեր մեջ բերում, իսկ դուքսը՝ «գո՛ւ֊գո՛ւ» էր անում որպես հարգանքի արտահայտություն և մարդկանց սիրաշահում։

Շուտով աճուրդը վերջացավ, ամեն ինչ վաճառվեց, ամեն ինչ, բացի գերեզմանոցի փոքրիկ տեղամասից։ Նրանք աշխատեցին այդ էլ վաճառել։ Ես երբեք չեմ տեսել այնպիսի մի ընձուղտ, ինչպիսին թագավորն էր, որն ուզում էր ամեն ինչ կուլ տալ։ Մինչ նրանք զբաղված էին այս գործով, ափին մոտեցավ մի շոգենավ և երկու րոպեում գետափից գոռոցով, կանչով, ծիծաղով դեպի ավանն էր վազում ամբոխը։

― Ահա ձեր հակառակորդները, ահա Պիտեր Վիլքսի ժառանգների մի նոր զույգ։ Վճարեցեք դրամը, վճռեցեք, այս զույգերից ո՞ր մեկն է ավելի դուր գալիս ձեզ։


Գլուխ քսանիններորդ

Ամբոխն իր հետ բերում էր չափազանց դուրեկան արտաքինով մի ծեր ջենտլմենի, ինչպես և նույնքան համակրելի մի երիտասարդի։ Երիտասարդի աջ թևը կապված էր վզից։ Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս էին մարդիկ անընդհատ գոչում ու ծիծաղում։ Բայց ես ոչ մի ծիծաղելի բան չէի տեսնում և կարծում էի, թե թագավորն ու դուքսը, տեսնելով այդ, որոշ չափով կձգվեն, կգունատվեն։ Բայց ոչ, նրանք բոլորովին էլ չգունատվեցին։ Դուքսը ցույց էլ չտվեց, թե ինչ֊որ բան է տեղի ունենում։ Նա շարունակում էր շրջել «գո՛ւ֊գո՛ւ» անելով՝ երջանիկ ու գոհ, նման այն խնոցուն, որի մեջ գլգլում են կաթն ու կարագը։ Ինչ վերաբերում է թագավորին, նա ապշած ու թախծալից նայում, նայում էր, այս նորեկներին, կարծես նրա սիրտը մղկտում էր, որ աշխարհում կարող են լինել այդ աստիճանի խարդախ ու սրիկա մարդիկ։ Նա այդ դերը սքանչելի էր կատարում։ Ավանի անվանի մարդկանցից շատերը հավաքվել էին նրա շուրջը՝ հասկացնել տալու, որ իրենք իր կողմն են։ Նորեկ ծերունի ջենտլմենը կատարելապես ապշել, առեղծվածային վիճակի մեջ էր ընկել։ Շուտով նա սկսեց խոսել, և ես անմիջապես նկատեցի, որ նա բառերն արտասանում է ինչպես անգլիացի և ոչ թե թագավորի նման, թեև նմանեցնելու տեսակետից թագավորի արտասանությունն էլ վատ չէր։ Ես չեմ կարող այստեղ տալ ծերունի ջենտլմենի բառերը, ոչ էլ կարող եմ նմանեցնել։ Նա դարձավ դեպի ամբոխը և խոսեց մոտավորապես այսպես․

― Սա ինձ համար միանգամայն անսպասելի էր, և ես ուղղակի ու անկեղծորեն խոստովանում եմ, որ շատ էլ պատրաստ չեմ դիմադրելու և պատասխանելու։ Ճանապարհին մեր գլխին փորձանք եկավ։ Եղբորս թևը կոտրվեց և մեր ճանապարհորդական ծանրոցները երեկ գիշեր սխալմամբ ափ դուրս բերին այստեղից վերև, մի փոքրիկ քաղաքում։ Ես Պիտեր Վելքսի եղբայր Հարվին եմ, սա էլ նրա եղբայր Վիլյամն է, որը չի կարող լսել կամ խոսել, նույնիսկ չի կարող նշաններով բավականաչափ բան հասկացնել, որովհետև այժմ միայն մեկ ձեռքն է շարժվում։ Մեկ֊երկու օրից, երբ ծանրոցները կստանամ, կարող եմ ամեն ինչ ապացուցել։ Բայց մինչև այդ ուրիշ ոչինչ չեմ ասի, կգնամ հյուրանոց և կսպասեմ։

Նա ու նոր խուլ ու համրը հեռացան։ Թագավորը նրանց հետևից քրքջաց ու ծաղրեց․

― Թևն է կոտրվել։ Հավանական է չէ՞։ Շատ էլ հարմար է մի խարդախ մարդու համար, որը ստիպված է նշաններով խոսել, բայց չգիտե, թե ինչպես։ Իրերը ճանապարհին կորել են։ Հիանալի է, նույնիսկ բավական խորամանկ ձև է տվյալ պարագայում։

Եվ նա նորից ծիծաղեց, ծիծաղեցին և հավաքվածները, բացի երեք֊չորս կամ վեց հոգուց։ Վերջիններից մեկը բժիշկն էր, մյուսը՝ սրահայաց մի ջենտլմեն՝ ուսին կապերտից հին ձևի խուրջին գցած։ Նա նոր էր դուրս եկել շոգենավից և ցածրաձայն խոսում էր բժշկի հետ, երբեմն էլ հայացքը ուղղում թագավորին։ Գլուխները շարժվում էին ի հաստատումն միմյանց ասածի։ Դա օրենսգետ Լեվի Բելն էր, որ գետով բարձրացել էր Լուիսվիլ։ Երրորդը բարձրահասակ, չեչոտ դեմքով մի աժդահա մարդ էր, որը, գալով այնտեղ, լսեց ծերունի ջենտլմենի ասածները սկզբից մինչև վերջ և այժմ լսում էր թագավորին։ Երբ թագավորը վերջացրեց, այս մարդը վեր կացավ ու ասաց․

― Լսեցեք, եթե դուք Հարվի Վիլքսն եք, ապա ասացեք, թե ե՞րբ եկաք այս ավանը։

― Հուղարկավորությունից մեկ օր առաջ, բարեկամ, ― ասաց թագավորը։

― Օրվա ո՞ր ժամին։

― Երեկոյան, մայրամուտից մեկ֊երկու ժամ առաջ։

― Ինչո՞վ եկաք։

― Եկա «Սյուզեն Պոուել» շոգենավով, Ցինցինատիից։

― Լավ, ուրեմն՝ ինչպե՞ս կարողացաք առավոտյան մակույկով լինել հրվանդանի մոտ։

― Ես առավոտյան հրվանդանի մոտ չեմ եղել։

― Ստում եք։

Մի քանիսը միջամտեցին ի պաշտպանություն թագավորի, և չեչոտին խնդրեցին այդ ձևով չխոսել ծերունու և քարոզչի հետ։

― Կորչի՛ սրա նման քարոզիչը։ Սա խաբեբա է, ստախոս։ Այդ առավոտ նա նավակով ափ էր դուրս եկել հրվանդանի մոտ։ Ես այնտեղ եմ ապրում, գիտեք, չէ՞։ Այն ժամանակ այնտեղ էի, երբ սա էլ այնտեղ էր։ Ես տեսա նրան։ Նա մակույկով այնտեղ եկավ Թիմ Քոլլինսի ու մի տղայի հետ։

Բժիշկը վեր կացավ ու ասաց․

― Եթե այն տղային բերենք այստեղ, կճանաչե՞ք, Հայնս։

― Կարծում եմ, որ կճանաչեմ, բայց հաստատ չեմ կարող ասել։ Ա՛յ, այն տղան է, այնտեղ կանգնած։ Շատ հեշտ ճանաչեցի։

Նա մատով ցույց տվեց ինձ։ Բժիշկն ասաց․

― Հարևաննե՛ր, ես չգիտեմ նոր եկող զույգն էլ խարդախ է, թե ոչ, բայց եթե այս երկուսը խարդախ մարդիկ չեն, այդ դեպքում ես հիմար մարդ եմ, ուրիշ ասելիք չունեմ։ Իմ կարծիքով մեր պարտականությունն է հետևել, որ սրանք չհեռանան այստեղից, մինչև լրիվ պարզենք այս հարցը։ Դե՛, արի, Հայնս, բոլորդ եկեք։ Մենք այս մարդկանց տանելու ենք պանդոկը, որ երես առ երես հանդիպեն մյուս զույգի հետ, և ես կարծում եմ՝ մենք իսկույն որոշ բան կպարզենք։

Ամբոխին շատ դուր եկավ այդ առաջարկը, թեև թագավորի կողմնակիցները, գուցե այնքան էլ գոհ չէին։ Բոլորս ճանապարհ ընկանք դեպի պանդոկ։ Իրիկնադեմ էր։ Արեգակը մայր էր մտնում։ Ինձ առաջնորդում էր բժիշկը՝ ձեռքս բռնած։ Նա բավական բարեհաճ էր իմ նկատմամբ, բայց երբեք ձեռքս բաց չթողեց։

Մեզ բոլորիս բերեցին պանդոկի մի մեծ սենյակ և վառեցին մի քանի մոմ։ Այստեղ բերին և նոր զույգին։ Ամենից առաջ բժիշկն ասաց․

― Ես չեմ ուզում այս երկու մարդկանց նկատմամբ շատ խիստ լինել, բայց, իմ կարծիքով, սրանք խաբեբաներ են և կարող են մեղսակիցներ էլ ունենալ, որոնց մասին ոչինչ չգիտեմ։ Եթե կան մեղսակիցներ, ապա դրանք չեն փախչի, իրենց հետ տանելով Պիտեր Վիլքսի թողած դրամը։ Միանգամայն հնարավոր է։ Եթե այս մարդիկ խաբեբաներ չեն, ապա դեմ չեն լինի, որ դրամն էլ բերել տանք այստեղ և պահենք, մինչև նրանք ապացուցեն, որ խաբեբաներ չեն։ Ճիշտ չէ՞։

Բոլորը համաձայնեցին այս առաջարկությանը։ Ինձ թվում էր, թե նրանք մեր խմբին բավական նեղ վիճակի մեջ գցեցին հենց սկզբից։ Բայց թագավորը տխուր նայեց նրանց ու ասաց․

― Ջենտլմեններ, շատ կուզենայի, որ դրամն այնտեղ լիներ, որովհետև ես ցանկություն չունեմ որևէ բանով խոչնդոտ հանդիսանալ այս թշվառ գործի ուղղամիտ, հրապարակային, բացեիբաց քննարկմանը, բայց, ավա՜ղ, դրամն այլևս չկա, կարող եք մեկին ուղարկել և ստուգել, եթե ուզում եք։

― Ուրեմն՝ որտե՞ղ է։

―Է՛հ, երբ եղբորս դուստրը դրամը հանձնեց ինձ պահելու իր համար, ես վերցրի ու թաքցրի այն իմ մահճակալի ծղոտե ներքնակի մեջ։ Չէի ցանկանում մի քանի օրվա համար այստեղ բանկ դնել։ Մահճակալը համարում էի ապահով տեղ, մենք էլ, նեգր ծառաներ չունենալով, ենթադրում էինք, թե նրանք նույնքան ազնիվ են, որքան Անգլիայում ունեցած մեր ծառաները։ Բայց հենց հաջորդ առավոտյան նեգրերը գողացել էին դրամը, երբ ես ներքև իջա և վաճառեցի նրանց։ Դեռ չգիտեի, թե դրամը գողացված է։ Այնպես որ նրանք հանգիստ հեռացան՝ իրենց հետ տանելով դրամը։ Այստեղ է իմ ծառան, որը կարող է այդ մասին ձեզ պատմել, ջենտլմեններ։

Բժիշկը և մի քանի այլ մարդիկ ասացին․ «Անհեթեթ բացատրություն»։ Ես նկատեցի, որ հազիվ թեկուզ մի հոգի լիովին հավատաց նրան։ Մեկը հարցրեց ինձ, թե տեսե՞լ եմ նեգրերին դրամը գողանալիս։ Ես ասացի՝ ոչ, բայց տեսել եմ նրանց սենյակից դուրս սողոսկելիս ու շտապ հեռանալիս։ Ասացի, որ այդ պահին մտքովս ոչ մի վատ բան չանցավ, միայն նկատեցի, որ նրանք վախենում են, կարծելով, թե արթնացրել են իմ պարոնին և շտապում են հեռանալ, քանի դեռ պարոնս նրանց չի բռնել։ Նրանք ինձ այլևս հարցեր չտվեցին։ Այնուհետև բժիշկը շրջվեց իմ կողմը, հարցնելով․

― Դո՞ւ էլ անգլիացի ես։

Ասացի՝ այո։ Նա և մի քանիսը ծիծաղեցին, ասելով․

― Սուտ է։

Այնուհետև նրանք շարունակեցին հետաքննությունը և մեզ նեղը լծեցին։ Ժամերը հաջորդում էին իրար, բայց ոչ ոք ոչ մի բառ չասաց ընթրիքի մասին, ոչ էլ, ըստ երևույթին, այդ մասին մտածող կար։ Այդպես շարունակվեց ու շարունակվեց։ Դա ամենախառնաշփոթ բանն էր, որ երբևէ մարդ տեսել է։ Նրանք թագավորին ստիպեցին երկար֊բարակ պատմել իր պատմությունը։ Մյուս ծեր ջենտլմենին ստիպեցին նույնն անել, և այստեղ բոլորը, բացի մի քանի նախապաշարված հիմարներից, կարող էին տեսնել, թե ինչպես նոր եկած ծեր ջենտլմենը ճշմարտությունն է ասում, իսկ մյուսը՝ թագավորը ստում։ Շուտով պահանջեցին, որ ես վեր կենամ ու ասեմ, թե ինչ գիտեմ։ Թագավորը աչքի պոչով խեթ֊խեթ նայեց ինձ, և ես անելիքս հասկացա։ Պատմելով Շեֆֆիլդից, թե ինչպես էինք ապրում այնտեղ, պատմեցի անգլիացի Վիլքսերի մասին և այլն։ Ես դեռ չէի խորացել իմ պատմության մեջ, երբ բժիշկը ծիծաղեց, իսկ իրավաբան Լեվի Բելը ասաց․

― Նստիր, տղաս, եթե ես քո տեղը լինեի, այդքան ջանք չէի թափի։ Տեսնում եմ, որ դու ստելու սովոր չես։ Ասածներդ բանի նման չեն․ վարժվել է պետք։ Քո դերը բավական անճարակ ես կատարում։

Ինձ փաղաքշանք պետք չէր, բայց ուրախ էի, որ գոնե այդ ձևով հանգիստ թողեցին։ Բժիշկն ինչ֊որ բան էր ուզում ասել։ Նա շուռ եկավ ու հարցրեց․

― Եթե դուք հենց սկզբից քաղաքում լինեիք, Լեվի Բել․․․

Բայց թագավորը նրան ընդհատեց, պարզեց ձեռքն ու ասաց․

― Մի՞թե սա իմ մեռած խեղճ եղբոր հին բարեկամն է, որի մասին նա այնքան հաճախ գրում էր։

Օրենսգետն ու նա միմյանց ձեռք սեղմեցին։ Օրենսգետը սիրալիր ժպտաց։ Նրանք մի քանի խոսք փոխանակեցին, ապա առանձնացան ու քչփչացին։ Վերջապես իրավաբանը բարձրաձայն ասաց․

― Դա հարցը կփակի։ Ես ձեր չեկը կվերցնեմ ու ձեր եղբոր չեկի հետ կուղարկեմ ուր հարկն է։ Այն ժամանակ կիմանան, որ ամեն ինչ կարգին է։

Թուղթ, գրիչ բերեցին, և թագավորը նստեց, գլուխը թեքեց մի կողքի, լեզուն ծամելով սկսեց մրոտել ինչ֊որ բան։ Ապա գրիչը տվեցին դքսին։ Դուքսը սկզբից կարծես իրեն լավ չէր զգում, բայց վերցրեց գրիչն ու գրեց։ Օրենսգետը շուռ եկավ դեպի նոր եկած ջենտլմենը և ասաց․

― Այս հին նամակները Հարվի Վիլքսի գրածներն են, և ահա այս երկու մարդկանց ձեռագրերը։ Ամեն մարդ կարող է ասել, որ Վիլքսից ստացված նամակները դրանք չեն գրել (թագավորը և դուքսը մերկացվածների հիմար տեսք ստացան, երբ հասկացան, որ օրենսգետը խաբել է իրենց)։ Այս էլ ծեր ջենտլմենի ձեռագիրն է, և շատ հեշտությամբ կարելի է ասել, որ հին նամակները դրանք չեն գրել։ Փաստն այն է, որ այս ճանկռտոցը չի էլ կարելի ձեռագիր համարել։ Ահա մի քանի նամակ․․․

Նորեկ ջենտլմենն ասաց․

― Խնդրում եմ, թույլ տվեք բացատրել։ Ոչ ոք չի կարող կարդալ իմ ձեռագիրը, բացի եղբորիցս, և նա արտագրում է իմ գրածը։ Ձեր մոտի եղածը նրա ձեռագիրն է, ոչ թե իմը։

Բայց նա ձախ ձեռքով չի կարող գրել, ― ասաց ծերունի ջենտլմենը, ― եթե կարողանար աջ ձեռքն օգտագործել, ապա կտեսնեիք, որ նա է գրել և՛ իր, և՛ իմ նամակները։ Մեր երկուսի նամակներին էլ նայեցեք, խնդրում եմ, և կտեսնեք, որ նույն ձեռագրով են գրված։

Օրենսգետը նայեց և ասաց․

― Կարծում եմ՝ այդպես է։ Եթե նույնիսկ այդպես չէ, ապա նմանությունը շատ մեծ է, առաջ դա չէի նկատել։ Լավ, լավ, լավ։ Ես մտածում էի, թե մենք խնդիրը լուծելու ճիշտ ճանապարհի վրա ենք գտնվում, բայց դա մասամբ թերի է։ Համենայն դեպս մի բան ապացուցված է․ այս երկու ձեռագրերից ոչ մեկը այս Վիլքսերի ձեռագրի նման չէ, ― ասաց նա, գլխով ցույց տալով թագավորին ու դքսին։

Այժմ ի՞նչ եք կարծում։ Այդ ջորու գլուխ ծեր հիմարը տեղի կտա՞ր։ Իհարկե, նա չէր հանձնվի։ Նա ասաց, որ դա լավ փորձ չէ, որ իր եղբայր Վիլյամն աշխարհում առաջին կատակասերն է և հենց որ գրիչը թղթի վրա է դնում, կատակն սկսում է։ Եվ նա տաքացավ ու այնքան փչեց, մինչև ինքն էլ հավատաց իր ասածներին։ Բայց շուտով նորեկ ջենտլմենն ընդհատեց նրան՝ ասելով․

― Ես մի բան հիշեցի։ Այստեղ կա մեկը, որ օգնել է իմ խեղճ եղբ․․․ օգնել է հանգուցյալ Պիտեր Վիլքսի մարմինը կարգի բերելու՝ թաղման համար․

― Այո, ― ասաց մեկը, ― ես և Էբ Թըրները։ Եկուսս էլ այստեղ էինք։

Ծերունին դարձավ դեպի թագավորն ու ասաց․

― Գուցե այս ջենտլմենն ասի, թե ինչ վիտվածք կար նրա կրծքին։

Թագավորն այստեղ ստիպված էր շատ արագ թափ տալ իրեն, մի բան հնարել, այլապես փուլ կգար, ինչպես գետափը, որի տակը գետակը փորել է։ Այնպե՜ս անսպասելի էր այս հարցը։ Դա այնպիսի բան էր, որ ամեն մեկին կճզմեր իր ծանրության տակ։ Այն էլ առանց նախազգուշացման․ ի՞նչ իմանար, թե ինչ վիտվածք կար։ Նա մի փոքր գունատվեց․ ելք չէր գտնում։ Բոլորը լուռ էին։ Ամեն ոք, մի փոքր առաջ թեքված, նայում էր նրան։ Ինձ թվաց, թե այժմ նա դեն կգցի խաբեբայության դիմակը․ այն այլևս պետք չէր։ Բայց դեն գցե՞ց։ Հազիվ թե նրա մտքով այդպիսի բան անցներ։ Նա այդպես չարեց։ Երևի ուզում էր այնքան շարունակել, մինչև հոգնեցներ մարդկանց, շատերը թողնեին գնային, և ինքն ու դուքսը հնարավորություն ունենային փախչել։ Նա նստած՝ լուռ լսեց, ապա ժպտալով ասաց․

― Հը՛մ, բավականին դժվար հարց է, չէ՞։ Այո, սըր, կարող եմ ասել, թե ինչ էր վիտված կրծքի վրա։ Մի փոքրիկ, բարակ սլաք։ Ահա թե ինչ, և եթե լավ չնայեք, չեք կարող տեսնել։ Հիմա ի՞նչ կասեք, հը՞։

Ես երբեք չէի տեսել, որ ծերունին այդքան անպատկառ լինի։

Նորեկ ծեր ջենտլմենը ոգևորված դարձավ Էբ Թըրների և նրա ընկերոջ կողմը։ Ծերունու աչքերը փայլեցին․ կարծես այս անգամ թագավորին բռնեց։ Նա ասաց․

― Ահա, դուք լսեցի՞ք, թե ինչ ասաց նա, չէ՞։ Պիտեր Վիլքսի կրծքին այդպիսի նշան եղե՞լ է։

Երկուսն էլ ասացին, որ այդպիսի նշան չեն տեսել։

― Լավ, ― ասաց ծեր ջենտլմենը, ― ձեր տեսածը նրա կրծքի վրա աղոտ, փոքրիկ Պ, Բ․ և Վ է եղել՝ անվան սկզբնատառեր, որ նա վիտել էր երիտասարդ ժամանակ։ Տառերն իրարից բաժանվում են գծիկներով։ Այսպես՝ Պ֊Բ֊Վ։ ― Եվ նա գրեց թղթի վրա։ ― Այժմ ասացեք, այդպիսի նշաններ տեսե՞լ եք։

Երկուսն էլ նորից ասացին․

― Ոչ, չենք տեսել։ Մենք ոչ մի նշան չենք տեսել։

Ներկա գտնվողները հուզմունքից միաբերան բղավեցին․

― Դրանք բոլորն էլ խաբեբաներ են։ Դրանց պետք է խեղդել գետում, փակել վանդակում, ― և բոլորը միանգամից սկսեցին կռնչալ, սկսվեց հարայ֊հրոց, խառնաշփոթ աղաղակ։ Բայց օրենսգետը բարձրացավ սեղանին ու բղավեց․

― Ջենտլմեննե՛ր, ջենտլմեննե՜ր, լսեցե՛ք, միայն մի խոսք, մի խոսք, եթե կբարեհաճեք։ Դեռ մնում է մի միջոց․ գնանք բացենք դիակը և ստուգենք։

Առաջարկությունը դուր եկավ նրանց։

― Ուռա՜, ― բղավեցին բոլորը և անմիջապես ճանապարհ ընկան, բայց բժիշկն ու օրենսգետը ձայն տվին․

― Սպասեցե՛ք, սպասեցե՛ք։ Այս չորսին ու տղային էլ տարեք և բռնեցեք օձիքներից, որ չփախչեն։

― Կբռնենք, կբռնենք, ― բոլորը բղավեցին, ― և եթե նշաններ չգտնենք, ամբողջ խմբին լինչի դատաստանի կենթարկենք։

Խոստովանում եմ, ես սարսափելի վախեցա, բայց ի՞նչ արած․ փախչելու հնար չկար։ Նրանք բոլորիս բռնեցին և իրենց հետ քարշ տվին ուղիղ դեպի գերեզմանատուն, որը մեկևկես մղոն հեռու էր, գետափին։ Աղմուկն անչափ մեծ էր, և ամբողջ քաղաքը հետևում էր մեզ։ Երեկոյան ժամը ինն էր։

Մինչ անցնում էինք տան մոտով, մտքումս ասացի, թե երանի՜ Մերի Ջեյնին ուրիշ տեղ ուղարկած չլինեի։ Բավական էր, որ նա տեսներ, կվազեր, կգար, կփրկեր ինձ ու կմերկացներ այս խարդախներին։

Մենք գետի ճանապարհով խառնիխուրն իջանք ցած, ինչպես վայրի կատուներ։ Երկինքն սկսեց մթնել, կայծակը փայլատակում էր, քամին սուրում էր տերևների միջով, և այդ բոլորը տեսարանն ավելի ահավոր էր դարձնում։ Դա իմ գլխին եկած ամենասոսկալի փորձանքն էր։ Եվ ես մի տեսակ անզգայացել էի․ ամեն ինչ կատարվում էր ոչ այնպես, ինչպես ես էի ծրագրել։ Փոխանակ այնպես անելու, որ մի կողմ քաշված հաճույքով դիտեի այս ամբողջ կատակերգությունը, փոխանակ Մերի Ջեյնին ապավինելու, որը վճռական պահին պետք է ինձ փրկեր ու ազատեր, այժմ հույսս դրել էի ինչ֊որ վիտվածքի վրա։ Իսկ եթե այդ նշանները չգտնեի՞ն․․․

Անտանելի էր այդ մասին մտածելը, բայց և ուրիշ ոչ մի բան չէի կարողանում հիշել։ Ավելի ու ավելի մթնեց և հարմար ժամանակ էր դուրս պրծնելու, բայց Հայնսը՝ այդ հսկա, ամեհի մարդը, բռնել էր իմ բազկից, իսկ այդպիսի աժդահա մարդու ձեռքից ո՞վ կարող էր ազատվել։ Նա ինձ քարշ տալով տանում էր իր հետևից։ Նա չափազանց հուզված էր, և ես ետ չմնալու համար ստիպված էի վազել։

Բազմությունը ներխուժեց գերեզմանատուն, ինչպես հեղեղ։ Երբ հասանք գերեզմանին, պարզվեց, որ բահերը հարյուր անգամ ավելի շատ են, քան պետք էր հողը փորելու համար, բայց ոչ ոքի մտքով չի անցել, որ լապտեր բերի։ Սակայն նրանք մի կերպ սկսեցին փորել կայծակի առաջացրած լույսի տակ և մեկին ուղարկեցին ամենամոտակա տունը, կես մղոն հեռու, լապտեր բերելու։

Նրանք մոլեգնաբար փորեցին ու փորեցին։ Սարսափելի մութ էր։ Անձրև տեղաց։ Քամին սուրալով անցնում էր մեր վրայով, կայծակն ավելի ու ավելի էր ուժեղանում, ճայթում էր որոտը։ Բայց մարդիկ այնպես տարված էին գործով, որ բոլորովին ուշադրություն չդարձրին։ Երբ կայծակը փայլատակում էր, մի ակնթարթում այդ բազմամարդ ամբոխի մեջ կարելի էր տեսնել ամեն ինչ, ամեն դեմք, գերեզմանից բարձրացող հողով լիքը բահեր։ Հաջորդ վայրկյանին խավարն ամեն ինչ թաքցնում էր մարդկանց տեսողությունից, և ոչինչ չէր երևում։

Վերջապես դուրս բերին դագաղն ու սկսեցին քանդել կափարիչի պտուտակները։ Մարդիկ խռնվել էին, ամեն կերպ աշխատելով առաջ ընկնել և տեսնել այն, ինչ տեղի էր ունենում։ Սարսափելի տեսարան էր, մի կողմից մթությունը, մյուս կողմից մարդկանց իրարանցումը։ Հայնսն, ինձ սարսափելի ցավ պատճառելով, քաշում էր իր ետևից։ Նա այնպես հուզված էր և այնպես էր հևում, որ կարծեք թե մոռացել էր իր գոյությունը։ Հանկարծ շրջապատը ողողվեց կայծակի սպիտակ, շլացուցիչ լույսով, և մեկը գոռաց․

― Աստվա՜ծ վկա, ահա ոսկով պարկը՝ նրա կրծքին դրած։

Հայնսը մի կռինչ արձակեց, ինչպես բոլորը, բաց թողեց բազուկս և առաջ նետվեց պարկը տեսնելու, իսկ ես դուրս թռա ամբոխի միջից ու մթության մեջ վազեցի դեպի ճանապարհը։ Թե ինչպես, ինքս էլ չեմ հիշում։

Ճանապարհին ինձանից բացի ոչ ոք չկար։ Ես վազում էի ամբողջ ուժովս։ Մեն֊մենակ էի, եթե նկատի չունենանք թանձր խավարը, կայծակի փայլատակումը, անձրևի խշշոցը, քամու սուլոցը, որոտի ճայթյունը։ Կարող եք վստահ լինել, որ ես լեղապատառ թռչում էի առաջ։

Երբ հասա քաղաք, այդ փոթորկալից ժամին դրսում ոչ ոք չկար։ Խուլ փողոց որոնելու կարիք չեղավ։ Ամբողջ ուժերս հավաքելով վազեցի գլխավոր փողոցով։ Երբ մոտեցա մեր տանը, աչքերս ուղղեցի այդ կողմը։ Ոչ մի լույս չկար․ տունը թաղված էր մթության մեջ։ Ես ինձ զգացի հուսախաբ, մի տեսակ թախիծով համակվեցի։ Թե ինչու՝ չգիտեմ։ Վերջապես, երբ արդեն անցնում էի տան մոտով, նկատեցի Մերի Ջեյնի պատուհանից երևացող լույսը։ Սիրտս այնպես բաբախեց, կարծես դուրս էր թռչում։ Նույն վայրկյանին տունը և ամեն ինչ մնաց իմ ետևում, մթության մեջ։ Գիտեի, որ այլևս դրանք չեմ տեսնելու։ Նա իմ տեսած ամենալավ, ամենաբարի հոգու տեր աղջիկն էր։

Երբ քաղաքից այնքան էի բարձրացել վեր, որ կարող էի տեսնել կղզյակը, սկսեցի նավակ որոնել։ Հենց որ կայծակի լույսով նկատեցի մի նավակ, որը շղթայով կապված չէր ափին, ներս ցատկեցի և թիավարեցի։ Պարզվեց, որ դա միայն պարանով էր կապած։ Կղզյակը բավական հեռու էր, գետի մեջտեղում, բայց ես ժամանակ չկորցրի, և երբ վերջապես հասա լաստին, այնպես էի ուժասպառ եղել, որ եթե հնարավոր լիներ, վայր կընկնեի շունչ առնելու։ Բայց դրա ժամանակը չէր։ Լաստը բարձրանալուն պես ձայն տվի․

― Շո՛ւտ, Ջի՛մ, դո՛ւրս արի և արձակի՛ր լաստը։ Փա՜ռք աստծո, ազատվեցինք դրանցից։

Ջիմը դուրս թռավ հյուղակից ու թևերը պարզած, ընդառաջ վազեց։ Ինչե՜ս ուրախացավ։ Բայց երբ կայծակի լույսի տակ մի պահ նայեցի նրան, սրտաճաք եղա և ընկա գետը, որովհետև մոռացել էի, որ նա Լիր արքայի և ջրահեղձ արաբի կերպարանք էր առել։ Վախից լեղիս ճաքեց։ Ջիմն ինձ դուրս բերեց ջրից, ուզեց գրկել ու օրհնել։ Նա այնքա՜ն էր ուրախացել, որ ես վերադարձել էի, և մենք ազատվել էինք թագավորից ու դուքսից։ Բայց ես ասացի․

― Հիմա չէ, Ջիմ, նախաճաշի ժամանակ, նախաճաշի ժամանակ։ Այժմ արձակիր լաստը, որ լողա ներքև։

Մի երկու վայրկյան անց մենք իջնում էինք գետն ի վար։ Որքա՜ն լավ էր, որ նորից ազատ էինք այս մեծ գետի վրա, մեր գլխի տերը, և մեզ նեղություն տվող չկար։ Ես ուրախությունից սկսեցի ոստոստել, մի քանի անգամ վեր֊վեր ցատկեցի, կրունկներս իրար զարկելիս մի ձայն լսեցի, ծանոթ ձայն։ Շունչս պահեցի, ականջ դրեցի ու սպասեցի։ Եվ երբ հաջորդ փայլատակումը լուսավորեց մեր դիմացի ջուրը, տեսանք, որ երկու հոգի են։ Հենված թիակներին, մակույկը մղել էին առաջ։ Դա թագավորն ու դուքսն էին։

Ես նվաղած՝ անշարժ ընկա լաստի վրա և ինձ հազիվ զսպեցի, որ լաց չլինեմ։


Գլուխ երեսուներորդ

Երբ նրանք բարձրացան լաստի վրա, թագավորը նետվեց ինձ վրա և ցնցելով ուսերս ասաց․

― Փորձում էիր ծլկել, հա՞, լակո՛տ։ Ձանձրացա՞ր մեր ընկերակցությունի, հը՞։

Ես ասացի․

― Ոչ, ձերդ մեծություն, մենք չենք․․․ Խնդրում եմ, թողե՛ք ինձ, ձերդ մեծություն։

― Ուրեմն՝ ասա՛, շո՛ւտ, ի՞նչ էր միտքդ, թե չէ հիմա աղիքներդ կթափեմ։

― Ազնիվ խոսք, ես կպատմեմ ամեն ինչ այնպես, ինչպես պատահել է, ձերդ մեծություն։ Այն մարդը, որ բռնել էր ձեռքս, ինձ հետ շատ սիրալիր էր վարվում։ Շարունակ ասում էր, որ ինքը ունեցել է մոտավորապես ինձ հասակակից տղա։ Նա մեռել է անցյալ տարի, և այժմ ինքը ցավում է, երբ տեսնում է ինձ նման տղայի այսքան վտանգավոր դրության մեջ։ Երբ մարդիկ ոսկին գտնելիս հանկարծակիի եկան ու խուժեցին դեպի դագաղը, նա բաց թողեց ինձ ու շշնջաց․ «Դե՛, փախի՛ր, թե չէ քեզ անպայման կկախեն»։ Ես էլ դուրս թռա ու փախա։ Ի՞նչ միտք ուներ իմ այնտեղ մնալը։ Ես ոչինչ չէի կարող անել, և չէի ուզում կախվել այն ժամանակ, երբ կարող էի փախչել։ Ոչ մի տեղ կանգ չառա, մինչև գտա մի մակույկ, և երբ տեղ հասա, Ջիմին խնդրեցի, որ շտապի, թե չէ ինձ կբռնեն ու կկախեն։ Ասացի, որ վախենում եմ, թե դուք և դուքսը այժմ կենդանի չեք։ Ես դրա համար անչափ տխուր էի, նույնպես և Ջիմը։ Այժմ, երբ տեսա գալիս եք, շատ ուրախացա։ Հարցրեք Ջիմին, ճի՞շտ եմ ասում, թե՞ ոչ։

Ջիմն իմ ասածը հաստատեց, բայց թագավորը նրան հրամայեց լռել ու ասաց․

― Օ՜, այո՜, ինչպե՞ս չէ, ― և նորից սկսեց ցնցել ինձ։ Ասաց, որ, իր կարծիքով, պետք է ինձ խեղդել գետում։ Բայց դուքսը ասաց․

― Հանգիստ թողեք տղային, ծե՛ր հիմար։ Եթե դուք լինեիք նրա տեղը, այլ կե՞րպ կվարվեիք։ Երբ դուրս պրծաք, նրա մասին հարցրի՞ք։ Գոնե ես այդպիսի բան չեմ հիշում։

Թագավորը բաց թողեց ինձ, հայհոյեց այդ քաղաքը և այնտեղի ամեն մի բնակչի։ Բայց դուքսը ասաց․

― Ավելի լավ է՝ ինքներդ ձեզ հայհոյեք։ Դուք այն մարդն եք, որն ամենից շատ է արժանի դրան։ Հենց սկզբից ոչ մի խելացի բան չարեցիք։ Լավը միայն այն էր, որ երևակայական կապույտ սլաքի մասին խոսելիս ձեզ հանգիստ, սառը պահեցիք։ Դա հոյակապ էր, սքանչելի և դրա շնորհիվ մենք ազատվեցինք։ Եթե դա չլիներ, մեզ կբանտարկեին մինչև անգլիացիների կապոցներն ստացվելը, որից հետո մեզ կուղարկեին ուղիղ տուն։ Այդ մասին կասկած լինել չէր կարող։ Բայց ձեր հնարամտությունը նրանց տարավ գերեզմանատուն, իսկ ոսկին ավելի մեծ լավություն արեց։ Որովհետև, եթե այդ գրգռված հիմարները մեզ բաց չթողնեին ու չխուժեին ոսկու վրա, մենք այս գիշեր քնած կլինեինք փողկապներով, որոնք ավելի դիմացկուն են, քան մեզ է պետք։

Նրանք մի պահ լռեցին․ մտածում էին։ Թագավորը մի տեսակ մտացրիվ ասաց․

― Հը՜մ, իսկ մենք կարծում էինք, թե նեգրերն են գողացել։

Այդ խոսքից վախեցած կուչ եկա։

― Այո, ― ասաց դուքսը դանդաղ, հեգնաբար, ― կարծում էինք։

Մոտ կես րոպե լռելուց հետո թագավորը կմկմալով ասաց․

― Համենայն դեպս, ես այդպես էի կարծում։

Նույն եղանակով դուքսն ասաց․

― Ընդհակառակը, ե՛ս էի այդպես կարծում։

Թագավորը մի տեսակ թթվեցրեց դեմքն ու ասաց․

― Էհ, դրանով ի՞նչ եք ուզում ասել։

Դուքսը բավական կտրուկ պատասխանեց․

― Եթե բանն այդտեղ է հասել, ապա գուցե թույլ կտաք հարցնել, թե դուք ի՞նչ էիք ուզում ասել։

― Բա՛հ, ― բացականչեց թագավորը, չափազանց հեգնական եղանակով, ― չգիտեմ․․․ գուցե դուք քնած եք եղել և չեք իմացել, թե ինչ եք անում։

Դուքսը այստեղ կատաղեց․

― Բավական է հիմարություններ դուրս տաք։ Ի՞նչ է, ինձ ապուշի տե՞ղ եք դրել։ Չգիտե՞ք, որ ինձ հայտնի է, թե ով էր դրամը թաքցրել դագաղի մեջ։

― Այո, սըր, գիտեմ, որ գիտեք, որովհետև ինքներդ եք արել։

― Սո՛ւտ է, ― դուքսը հարձակվեց թագավորի վրա։

Թագավորը գոռաց․

― Ձեռքերդ հեռո՛ւ, թողե՛ք իմ կոկորդը։ Խոսքս ետ եմ վերցնում։

Դուքսն ասաց․

― Լավ, ամենից առաջ պետք է խոստովանեք, որ դո՛ւք եք այդ դրամը դագաղի մեջ թաքցրել, նպատակ ունենալով այս մեկ֊երկու օրը բաժանվել ինձանից, վերադառնալ, փորել, հանել այնտեղից և մենակ յուրացնել։

― Մի րոպե սպասեք, դուքս, միայն մի հարց։ Ինձ ազնվորեն պատասխանեցեք, թե դրամը դուք չե՞ք դրել այնտեղ։ Ես էլ կհավատամ ձեզ և ետ կվերցնեմ իմ բոլոր ասածները։

― Ծե՛ր սրիկա, ես չեմ դրել և դուք գիտեք, որ չեմ դրել։ Բավական չէ՞։

― Լավ, հավատում եմ ձեզ։ Բայց մի հարցի էլ պատասխանեցեք, միայն թե չզայրանաք։ Ձեր մտքո՞ւմ ել չեք մտածել ճանկել դրամը և թաքցնել։

Դուքսը մի պահ լռեց, ապա պատասխանեց․

― Լավ, ի՞նչ նշանակություն ունի, թե մտածել եմ, համենայն դեպս, չեմ թաքցրել։ Բայց դուք ոչ միայն մտածել եք, այլև ի կատար եք ածել։

― Թող երբեք հանգիստ մահվան չարժանանամ, դուքս, եթե ես եմ արել, ազնիվ խոսք։ Չեմ ասում, թե չէի ուզում անել, քանի որ մտքովս անցել է, բայց դուք կամ մեկ ուրիշը այդ գործում ինձ կանխել եք։

― Սո՛ւտ է։ Դո՛ւք եք արել և պետք է խոստովանեք, որ արել եք, թե չէ․․․

Թագավորն սկսեց շնչահեղձ լինել։ Ապա հառաչելով ասաց․

― Բավակա՛ն է․․․ Խոստովանում եմ։

Ես շատ ուրախացա, երբ լսեցի այդ։ Այժմ ինձ շատ ավելի թեթևացած էի զգում, քան առաջ։ Դուքսը հեռացրեց իր ձեռքերը նրա կոկորդից և ասաց․

― Եթե մեկ էլ ուրանաք այդ բանը, ձեզ գետում կխեղդեմ։ Ձեր այդ արարքից հետո այդտեղ նստելն ու երեխայի նման հեկեկալն էլ բավական է։ Դա ձեզ շատ է հարմար։ Իսկ և իսկ ջայլամ․ ուզում է ամեն ինչ կուլ տալ։ Իսկ ես միշտ վստահել եմ, իբրև հարազատ հորս։ Պետք է ամաչեիք, երբ այնտեղ կանգնած լսում էիք, թե ինչպես են հանցանքը բարդում խեղճ նեգրերի վրա։ Դուք ոչ մի արդարացնող խոսք չասացիք։ Ինքս իմ աչքում ծիծաղելի եմ դառնում, երբ մտածում եմ, որ ես այնքան մեղմ գտնվեցի, որ հավատացի այդ հիմարությանը։ Անիծվե՛ք դուք։ Այժմ հասկանում եմ, թե ինչու այն երեկո դուք ուզում էիք դրամի պակասը լրացնել․ ուզում էիք ինձանից կորզել այն դրամը, որ ձեռք էի բերել «ընձուղտից» և բոլորը մեկից հափշտակել։

Թագավորը երկչոտությամբ և դեռ քիթը վեր քաշելով ասաց․

― Դուքս, չէ՞ որ պակասը լրացնելու մասին դուք առաջարկեցիք, ոչ թե ես։

― Պապանձվե՛ք, այլևս չեմ ուզում ձեզ լսել, ― ասաց դուքսը, ― այժմ տեսնում եք, թե ինչ շահեցիք դրանից․ նրանք իրենց ամբողջ դրամը ետ ստացան, ինչպես և մեր ամբողջ ունեցածը, բացի մեկ֊երկու շեկելից։[22] Գնացե՛ք քնելու․ այլևս չեմ ուզում, որ պակասը լրացնելուց խոսեք։

Թագավորը սողոսկեց հյուղակը և մխիթարվելու համար վերցրեց խմիչքի շիշը։ Դուքսն էլ շուտով իր շիշը վերցրեց և մոտ կես ժամ հետո նրանք նորից մտերմացան այնպես, ինչպես դա հատուկ է գողերին։ Եվ որքան շատ խմեցին, այնքան ավելի սիրալիր դարձան իրար նկատմամբ և իրար գրկած խռմփացրին։ Նրանք երկուսն էլ լիովին հարբել էին, բայց, ինչպես նկատեցի, թագավորն այնքան չէր հարբել, որ մոռանար հիշեցնել, թե ինքն է թաքցրել դրամը։ Այդ բանը հանգստացնում էր ինձ, և ես գոհ էի։ Իհարկե, երբ նրանք խռմփացնում էին, Ջիմն ու ես երկար խոսեցինք, և ես ամեն ինչ պատմեցի նրան։


Գլուխ երեսունմեկերորդ

Այնուհետև օրերով ոչ մի քաղաքում կանգ չառանք և անընդհատ շարժվեցինք գետն ի վար։ Այժմ տաք հարավում էինք և տնից շատ հեռու։ Հանդիպում էինք ծառերի, որոնց վրա աճել էր իսպանական մամուռը և ճյուղերից կախվել։ Այդ մամռափնջերը նման էին երկար, ալեխառն մորուքների։ Առաջին անգամն էր, որ տեսնում էի ծառի վրա աճած մամուռ։ Դա անտառին տալիս էր վեհաշուք, տխուր տեսք։ Այժմ այս խարդախները մտածում էին, թե վտանգից հեռու են, և նորից սկսեցին իրենց գործը գյուղերում։ Ամենից առաջ մի դասախոսություն կարդացին ժուժկալության մասին, բայց դրանից այնքան քիչ բան ստացվեց, որ երկուսով նույնիսկ մի անգամ լավ խմել չէին կարող։ Մի այլ գյուղում բաց արեցին պարի դպրոց, բայց նրանք ավելի լավ չգիտեին պարել, քան կենգուրուն։ Առաջին իսկ փորձից հետո հասարակությունը ներս խուժեց ու նրանց գյուղից դուրս վռնդեց։ Մի այլ անգամ փորձեցին հռետորական արվեստ ուսուցել, բայց նոր էին սկսել գոռգոռալ, երբ ունկնդիրները վեր կացան, մի լավ հայհոյեցին ու պահանջեցին հեռանալ գյուղից։ Թագավորն ու դուքսն սկսեցին զբաղվել առաքելությամբ, մեսմերականությամբ, բժշկությամբ, բախտագուշակությամբ։ Բայց բախտը նրանց կարծես չէր ժպտում։ Ի վերջո նրանք, գրեթե լիովին ձախորդության մատնված, վայր ընկան լաստի վրա, որը լողալով իջնում էր ցած, և մտածում էին, մտածում։ Ոչ մի բառ չէին արտասանում․ մռայլ էին, հուսահատ։

Վերջապես նրանք դուրս եկան այդ մունջ վիճակից։ Հյուղակում պառկած, գլուխ գլխի տված, ցածրաձայն ու գաղտնի, ժամերով մտերմաբար խորհրդակցում էին։ Ջիմն ու ես անհանգստացած էինք դրանց այդ խորհրդակցությունների պատճառով։ Այդ բանը մեզ դուր չէր գալիս։ Մեզ թվում էր, թե նրանք մտմտում են այնպիսի մի մեքենայություն, որը մինչ այդ եղածներից ամենասատանայականն է։ Մենք երկար֊բարակ ծանրութեթև արեցինք այդ հարցը և ի վերջո եկանք այն եզրակացության, որ նրանք ծրագրել են մեկի տունը կամ խանութը կողոպտել, կամ պատրաստվում են կեղծ դրամ կտրել կամ նման մի բան։ Շատ էինք ահաբեկված և որոշեցինք այլևս նման գործերի չմասնակցել, իսկ եթե որևէ նվազագույն առիթ ներկայանա, հաշիվներս փակել նրանց հետ, թողնել ու փախչել։

Մի անգամ, վաղ առավոտյան, մենք լաստը թաքցրինք Փայքսվիլ կոչվող ինչ֊որ խուլ գյուղաքաղաքից երկու մղոն ներքև։ Թագավորը դուրս եկավ ափ, մեզ պատվիրելով, որ այդպես թաքնված սպասենք, մինչև ինքը գնա այդ քաղաքը, իմանա, թե «Արքայական ընձուղտի» պատմությունը այնտեղ չի՞ հասել։ («Երևի ուզում ես տուն կողոպտել, ― ասացի ես մտքումս, ― և երբ վերջացնես կողոպտելը, կվերադառնաս այստեղ ու կզարմանաս, թե ինչ եղանք մենք՝ ես, Ջիմն ու լաստը»)։ Նա ասաց, որ եթե մինչև կեսօր չվերադառնա, դուքսը և ես կարող ենք մտածել, որ գործը հաջող է գնում և դուրս գանք ափ ու հետևենք իրեն։

Մենք մնացինք լաստի վրա։ Դուքսը զայրույթից քրտնել էր և չափազանց թթված էր երևում։ Նա ամեն ինչի համար հանդիմանում էր մեզ, կարծես մենք ոչ մի բան ճիշտ չէինք կատարում։ Ամեն մի չնչին բանի մեջ թերություն էր տեսնում։ Ինչ֊որ մի բան, անկասկած, տեղի էր ունենում։ Ես շատ ուրախ էի և լավ էի զգում ինձ, երբ կեսօրին թագավորը չվերադարձավ։ Կարող էր դրությունը փոխվել, և գուցե դուրս գայինք այդ վիճակից։ Դուքսն ու ես գնացինք քաղաք՝ թագավորին որոնելու։ Շուտով նրան գտանք մի փոքրիկ, կեղտոտ գինետան ետևի սենյակում՝ հարբած վիճակում։ Մի քանի դատարկաշրջիկներ զվարճության համար զայրացնում էին նրան, իսկ նա իր ամբողջ ուժով հայհոյում, սպառնում էր։ Այնպես էր հարբել, որ չէր կարող ոտքի վրա կանգնել և նրանց որևէ բան անել։ Դուքսը նրան ծեր հիմար անվանեց, թագավորն էլ պակաս չթողեց։ Հենց որ բավական տաքացան, ես դուրս ծլկեցի և եղնիկի պես գետափնյա ճանապարհով վազեցի ներքև, քանի որ դա նրանցից ազատվելու լավ առիթ էր։ Ես մտածում էի, թե երկար ժամանակ կանցնի, մինչև նրանք տեսնեն մեզ, եթե երբևէ տեսնեն։ Ես շնչակտուր հասա լաստին, և ուրախ֊ուրախ ձայն տվի․

― Արձակի՛ր լաստը, Ջիմ․ այժմ ամեն ինչ լավ է։

Բայց ոչ մի պատասխան չլսվեց, ոչ ոք դուրս չեկավ հյուղակից։ Ջիմը կորել էր։ Բարձրաձայն բղավեցի, նորից ու նորից կանչեցի, վազեցի անտառ, գոռգոռացի, բայց իզուր։ Ծերունի Ջիմը չկար։ Նստեցի ու լաց եղա․ չէի կարող ինձ զսպել։ Երկար նստել չկարողացա։ Շուտով դուրս եկա ճանապարհ, մտածելով, թե ինչ անեմ, որ լավ լինի։ Վազեցի մի տղայի մոտ, որ գնում էր ճանապարհով և հարցրի, թե չի՞ տեսել օտար նեգրի։ Նկարագրեցի Ջիմի հագուստներն ու արտաքինը։ Տղան ասաց․

― Տեսել եմ։

― Որտե՞ղ, ― հարցրի ես։

― Սայլա Փելփսի ագարակում, այստեղից երկու մղոն ներքև։ Նա փախած նեգր է, բռնեցին։ Չլինի՞ նրան եք որոնում։

― Իսկի էլ չէ։ Ես մեկ֊երկու ժամ առաջ անտառում անցա նրա առջևով, և նա ասաց, որ եթե բղավեմ, աղիքներս դուրս կթափի։ Ասաց, որ նստեմ ու չշարժվեմ տեղիցս։ Այդպես էլ արեցի։ Մինչև հիմա նստած էի, վախենում էի դուրս գալ անտառից։

― Լավ, ― ասաց նա, ― այլևս վախենալու կարիք չկա, որովհետև նրան արդեն բռնել են։ Նա փախել է հարավից, ինչ֊որ տեղից։

― Լավ է, որ բռնել են։

― Այո, կարծում եմ։ Նրան բռնողին երկու հարյուր դոլարի պարգև են խոստացել։ Դա ոնց որ ճանապարհին գտած փող լինի։

― Այո, և ես կկարողանայի ձեռք բերել այդ պարգևը, եթե բավական մեծ լինեի․ առաջին անգամ ե՛ս տեսա նրան։ Ո՞վ է բռնել։

― Մի ծեր մարդ, ինչ֊որ եկվոր։ Նա իր իրավունքը վաճառեց քառասուն դոլարով, որովհետև գետն ի վեր է բարձրանում և սպասել չի կարող։ Դե՛հ մտածիր։ Ազնիվ խոսք, եթե ես լինեի, կսպասեի, թեկուզ յոթ տարի։

― Ես էլ կսպասեի, ― ասացի ես, ― բայց գուցե նրա իրավունքը դրանից ավել չարժե, եթե նա այդքան էժան է այն վաճառել։ Գուցե ինչ֊որ թյուրիմացություն կա այդտեղ։

― Ոչ, գործը նույնքան հարթ և ուղիղ է, ինչպես թելը։ Ես ինքս եմ տեսել հայտագիրը։ Ամեն ինչ այնտեղ նկարագրված է, յուրաքանչյուր կետ, ոնց որ նկարած լինեն այդ նեգրին։ Ասված է, թե ո՛ր պլանտացիայից է, փախել է Նոր Օռլեանից ներքև գտնվող ինչ֊որ տեղից։ Ոչ, սըր, այդ առևտրի մեջ սխալ չկա․ կարող եմ գրազ գալ։ Ասա, չե՞ս կարող ինձ քիչ ծամելու ծխախոտ տալ։

Ես ծխախոտ չունեի, և նա թողեց գնաց։ Վերադարձա լաստը և նստեցի հյուղակում մտածելու։ Բայց չկարողացա որևէ եզրակացության գալ։ Այնքան մտածեցի, մինչև գլուխս սկսեց ցավել, բայց ստեղծված դրությունից դուրս գալու ոչ մի ելք չգտա։ Այս երկար ճանապարհորդությունից, այդ սրիկաների համար այդքան բան անելուց հետո ամեն ինչ զուր անցավ, ամեն ինչ ավերվեց, խորտակվեց, որովհետև այդ մարդիկ ընդունակ էին նման խաղ խաղալու Ջիմի գլխին և նորից նրան դարձնելու ստրուկ՝ ամբողջ կյանքում, այս օտարականների մոտ, այն էլ քառասուն կեղտոտ դոլարի համար։

Նույնիսկ մտածեցի, որ Ջիմի համար հազար անգամ ավելի լավ կլիներ ստրուկ մնալ նախկին տեղում, իր ընտանիքի հետ, եթե պետք է մնար ստրուկ։ Նպատակահարմար գտա մի նամակ գրել Թոմ Սոյերին, խնդրելով, որ հայտնի միսս Ուոթսոնին, թե որտեղ է Ջիմը։ Բայց շուտով հրաժարվեցի այդ մտքից, նկատի ունենալով երկու հանգամանք։ Առաջինը․ միսս Ուոթսոնը կկատաղեր, անզգամության ու ապերախտության համար չէր ների Ջիմին, որն այդպես լքել էր իրեն, նորից գետով կուղարկեր ներքև և կվաճառեր։ Երկրորդը, եթե այդպես չաներ էլ, միևնույն էր, բոլորն էլ կարհամարհեին ապերախտ նեգրին և անընդհատ այդ բանը զգացնել կտային, և նա իրեն կզգար նախատված ու նվաստացած։ Բացի այդ, մտածում էի ես, ամենուրեք կիմացվեր, որ Հեք Ֆիննը օգնել է մի նեգրի, որ նա ազատություն ձեռք բերի։ Եվ եթե ես այդ քաղաքից որևէ մեկին նորից տեսնեի, ամոթից պիտի խոնարհվեի և համբուրեի նրա կոշիկները։ Միշտ այդպես է լինում․ մարդիկ ստոր գործեր են կատարում և ապա չեն ցանկանում պատասխան տալ։ Մտածում էի, քանի որ դեռ մարդ կարող է թաքցնել իր վատ վարմունքը, դա անպատվություն չէ։ Նույնը վերաբերում էր և ինձ։ Որքան ուսումնասիրում էի այս հարցը, այնքան խիղճս շարունակում էր նեղել ինձ, և նույնքան անզգամ, չար, ստոր էի զգում ինքս ինձ։ Եվ, վերջապես, հանկարծ գլխումս միտք ծագեց, թե այստեղ պարզորոշ երևում է նախախնամության ձեռքը, որն ապտակում է ինձ և զգացնել տալիս, թե իմ չարությունը ոչ մի րոպե ազատ չէ երկնքի հսկողությունից, և նախախնամությունը տեսնում է, որ ես մի խեղճ, ծեր կնոջից գողանում եմ նրա նեգրին, այն կնոջից, որն ինձ երբեք ոչ մի վնաս չի տվել։ Եվ այժմ դրանով ցույց է տալիս, որ մեկը միշտ դիտարանից նայում ու թույլ չի տալիս, որ այսպիսի ողորմելի գործերը շարունակվեն։ Ես այնպես վախեցա, որ ծնկներս թուլացան։ Ինչ որ է, փորձեցի հնարավորին չափ մեղմել հանցանքս, ասելով, որ ինձ ոչ մի լավ բան չեն սովորեցրել, ուրեմն՝ այնքան էլ մեղավոր չեմ։ Բայց միաժամանակ ներքին մի ձայն անընդհատ կրկնում էր․ «Չէ՞ որ կար կիրակնօրյա դպրոց, և դու կարող էիր հաճախել, իսկ երբ հաճախեիր, նրանք քեզ կսովորեցնեին, որ եթե մի մարդ նեգրի հետ վարվի այնպես, ինչպես ես էի վարվել, հավիտյան դժոխք կգնա»։

Այդ մասին մտածելիս դողում էի։ Մտքումս վճռեցի աղոթել և տեսնել, թե չե՞մ կարող չլինել այնպիսին, ինչպիսին եղել էի, այլ լինել լավ տղա։ Ծունկի իջա։ Բայց աղոթքի բառերը դուրս չէին գալիս իմ բերանից։ Իսկ ինչո՞ւ։ Անօգուտ էր փորձել այն թաքցնել թե՛ աստծուց, թե՛ ինձանից։ Ես շատ լավ գիտեի, թե ինչու այդ բառերը դուրս չեն գալիս։ Պատճառն այն էր, որ ես իրավացի չէի, արդար չէի, կեղծ դեր էի կատարում, գտնում էի, որ պետք է հեռու մնալ հանցանքից, բայց իմ հոգու խորքում կառչել էի ամենամեծ հանցանքից։ Ջանք էի թափում, որ բերանիցս դուրս գային այդ բառերը, թե, իբր, ուզում եմ հետևել ճշմարտությանը, վարք ու բարքով լինել մաքուր, այդ նեգրի տիրոջը գրել, թե որտեղ է Ջիմը։ Բայց հոգուս խորքում գիտեի, որ դա սուտ է, և աստծուն հայտնի է այդ կեղծիքը։ Հնարավոր չէ սուտ բանի համար աղոթել․ ես այդ զգացի։

Խճճվեցի։ Չգիտեի, թե ինչ անեմ։ Վերջապես գլխումս միտք ծագեց։ Ինքս ինձ ասացի․ կգրեմ նամակը և ապա կտեսնեմ, թե կարո՞ղ եմ աղոթել։ Այդ որոշման արդյունքն ապշեցուցիչ էր․ իսկույն ինձ այնպես թեթև զգացի, փետուրից ավելի թեթև, և ամեն ինչ դարձավ պարզ։ Վերցրի թուղթ ու մատիտ, ուրախ ու հուզված նստեցի և գրեցի․

«Միսս Ուոթսոն, ձեր փախած նեգր Ջիմն այստեղ է, Փայքսվիլից երկու մղոն ներքև»։ Նա միստր Ֆելփսի տանն է, և միստր Ֆելփսը նրան կվերադարձնի ձեզ, եթե նրան ուղարկեք ձեր խոստացած գումարը։

Հեք Ֆինն»։

Ես մեկից ինձ լավ զգացի և հանցանքից ամբողջովին մաքրված։ Կյանքումս առաջին անգման էր, որ ինձ այդպես թեթևացած էի զգում։ Գիտեի, որ այժմ կարող եմ աղոթել։ Բայց անմիջապես չարեցի այդ բանը, թուղթը դրի առջևս և նստած՝ երկար մտածեցի։ Մտածում էի, թե որքան լավ էր, որ այս բոլորն այսպես եղավ, և որքան մոտ էի կորչելուն ու դժոխք գնալուն։ Այդպես շարունակեցի մտածել։ Մտածում էի գետով կատարած մեր ամբողջ ճանապարհորդության մասին։ Ջիմը ոչ մի վայրկյան աչքիս առջևից չէր հեռանում։ Հիշում էի, թե ինչպես միասին սահում էինք գետի վրայով՝ երբեմն ցերեկը, երբեմն գիշերը, երբեմն լուսնի շողերի տակ, երբեմն փոթորկի մեջ, և ամբողջ ժամանակ խոսում էինք, երգում, ծիծաղում։ Ես երբեք չէի կարողանում հիշել այնպիսի մի պահ, որն ինձ տրամադրեր նրա դեմ։ Ընդհակառակը։ Ես նրան տեսնում էի իմ փոխարեն պահակ կանգնած, երբ իր հերթն անցած էր լինում։ Նա չէր արթնացնում ինձ, որպեսզի ավելի երկար քնեմ։ Հիշեցի նրա ուրախությունը, երբ ես, մշուշից դուրս եկած, հասա մեր լաստը․ որքա՜ն ուրախացավ, երբ այն տոհմական ընդհարումից հետո ողջ֊առողջ վերադարձա նրա մոտ՝ մորուտը։ Հիշեցի նման բազմաթիվ պահեր։ Նա ինձ միշտ «քաղցրիկս» էր կանչում, փաղաքշում ինձ, ինձ համար անում այն ամենը, ինչ մտքով անցներ։ Որքա՜ն բարի էր նա։ Վերջապես հիշեցի այն օրը, երբ ես ազատեցի նրան, ասելով մարդկանց, թե լաստի վրա ծաղկով հիվանդացած մարդ կա, և որքա՜ն նա երախտապարտ զգաց իրեն և ասաց, որ աշխարհում ես իր ամենալավ բարեկամն եմ, իսկ այժմ՝ միակ բարեկամը։ Այո, մտածմունքների մեջ նայեցի շուրջս ու կողքիս տեսա այդ թուղթը։

Ես վերցրի այն ու պահեցի բռիս մեջ։ Դողում էի, որովհետև պետք է վերջնականորեն ընտրեի երկու պայմաններից մեկը։ Մի րոպե շունչս պահած մտորում էի, ապա ինքս ինձ ասացի․

― Լավ, դժոխք կգնամ, ― պատռեցի նամակը։

Սարսափելի մտքեր, սարսափելի բառեր։ Բայց այդ բառերն արդեն արտասանվել էին, և ես թողեցի, որ ասված էլ մնան։ Այլևս չմտածեցի ինքս ինձ բարեփոխելու մասին։ Այդ ամբողջ հարցը դուրս նետեցի իմ գլխից։ Եվ ասացի, որ նորից կմեղանչեմ․ դա էր իմ ճակատագիրը, քանի որ ինձ ոչ մի լավ բան չէին սովորեցրել։ Ամենից առաջ կգնամ և, առանց ջանք խնայելու, Ջիմին կգողանամ, կազատեմ ստրկությունից։ Եթե ավելի վատ բան մտածեմ, այն էլ կանեմ, որովհետև ինձ համար միևնույն է կործանվելու եմ, ուրեմն և կարող եմ ամեն տեսակի խոզության դիմել։

Նստեցի մտածելու, թե ինչպես հասնեմ նպատակիս։ Շատ միջոցներ հիշեցի և վերջապես կանգ առա դրանցից մեկի վրա, որն ինձ թվաց ամենից ավելի հարմար։ Ես լավ աչքի անցկացրի փոքր֊ինչ ներքևում գտնվող անտառածածկ կղզու դիրքը, և հենց որ բավական մթնեց, լաստով ճանապարհ ընկա դեպի այդ կղզին, լաստը թաքցրի այնտեղ ու պառկեցի քնելու։ Ամբողջ գիշերը քնեցի։ Լույսը չբացված վեր կացա, նախաճաշեցի, հագա խանութից նոր գնած հագուստներս, հին շորերս և մյուս իրերս հավաքեցի, մի կապոց դարձրի, նավակ նստեցի և ուղևորվեցի դեպի ափը։ Դուրս եկա այնպիսի մի տեղ, որը, իմ կարծիքով, Ֆելփսի ագարակից ներքև պիտի լիներ։ Կապոցս թաքցրի անտառում, նավակը լցրի ջրով, քարեր գցեցի մեջը և գետակի ափին կառուցված մի սղոցարանից քառորդ մղոն ներքևում սուզեցի ջրի տակ, այն հաշվով, որ ուզած ժամանակ կարողանամ հեշտությամբ գտնել ու դուրս բերել։

Ճանապարհով բարձրացա, և երբ անցա սղոցարանի մոտով, ճակատին նկատեցի «Ֆելփսի սղոցարան» ցուցանակը։ Երբ հասա ագարակատներին, երկու֊երեք հարյուր քայլ այդտեղից հեռու, նայեցի շուրջս։ Թեև արդեն կատարյալ լույս էր, բայց ոչ ոքի չտեսա։ Այդ մասին չէի էլ մտածում, որովհետև առայժմ ոչ ոքի չէի ուզում տեսնել։ Ուզում էի միայն ծանոթանալ վայրին։ Իմ հաշվով պետք է ագարակ գայի ոչ թե գետի կողմից, այլ գյուղաքաղաքից։ Ուստի մի հայացք գցեցի շուրջս և շարունակեցի ճանապարհս ուղիղ դեպի քաղաք։ Երբ տեղ հասա, մեծ զարմանքով տեսա, որ ինձ հանդիպած առաջին մարդը դուքսն է։ Նա պատին փակցնում էր «Արքայական ընձուղտ» աֆիշը, միայն երեք ներկայացում, ինչպես որ գրել էին առաջին անգամ։ Այդ խաբեբաները դեռ երես ունեին նման բաներ անելու։ Ես ժամանակ չունեցա խույս տալու և ուղղակի կանգնեցի նրա առջև։ Նա, կարծես զարմացած, նայեց ինձ ու ասաց․ ― Օհո՜։ Որտեղի՞ց եկար։ ― Ապա մի տեսակ ուրախացած հարցրեց, ― որտե՞ղ է լաստը, լավ տեղ թաքցրե՞լ ես։

― Հենց ինքս էի ուզում այդ մասին հարցնել ձերդ պայծառափայլությանը։

Այդ լսելիս տրամադրությունը մասամբ ընկավ․

― Ի՞նչ նպատակով ես ինձ հարցնում, ― ասաց նա։

― Դե՛հ, ― ասացի ես, ― երբ երեկ տեսա թագավորին այն գինետանը, ինքս ինձ ասացի, թ հնարավոր չէ նրան այդ վիճակում տուն տանել․ ժամեր են պետք, մինչև զգաստանա։ Դուրս եկա մի փոքր շրջելու քաղաքում և սպասելու։ Մի մարդ մոտեցավ ինձ ու առաջարկեց տասը ցենտ, որ օգնեմ իրեն, նավակը միասին տանենք գետի մյուս կողմը և այնտեղից բերենք մի ոչխար։ Ես էլ գնացի։ Բայց երբ ոչխարը քաշում էինք նավակի մեջ, մարդը պարանի ծայրը ինձ տվեց ու ինքը գնաց ետևից հրելու։ Ոչխարն ինձնից ուժեղ էր․ ձեռքիցս պոկվեց ու փախավ․ վազեցինք ետևից․ մեզ մոտ շուն չկար, և մենք ստիպված էինք հետապնդել այնքան ժամանակ, մինչև նա ուժասպառ կանգ առավ։ Երբ բռնեցինք, արդեն մթնել էր։ Ոչխարը բերեցինք քաղաք, և ես գնացի դեպի լաստը։ Երբ տեղ հասանք, տեսա, որ լաստը չկա։ Ինքս ինձ ասացի․ «Այս մարդիկ նեղության մեջ են ընկել և ստիպված են եղել փախչել, իրենց հետ տանելով նեգրին։ Աշխարհում իմ ունեցած միակ նեգրը դա էր, իսկ ես այժմ ընկել եմ օտար երկիր և ոչ մի սեփականություն, ոչինչ չունեմ, ոչ էլ ապրելու միջոց»։ Նստեցի ու սկսեցի լաց լինել։ Գիշերը քնեցի անտառում։ Բայց ի՞նչ եղավ լաստը․․․ Ջիմը․․․ խե՜ղճ Ջիմ․․․

― Անիծվեմ, եթե գիտեմ, թե ինչ եղավ լաստը։ Այդ ծեր հիմարը ինչ֊որ բան էր վաճառել և քառասուն դոլար էր ձեռք բերել։ Երբ մենք գտանք նրան գինետանը, թափառաշրջիկները բախտախաղով նրանից կորզել էին ամբողջ դրամը, բացի այն գումարից, որ նա վճարել էր խմիչքի դիմաց։ Եվ ուշ երեկոյան, երբ նրան տարա տուն, պարզվեց, որ լաստը չկա։ Մենք ասացինք «Այդ փոքրիկ սրիկան գողացել է մեր լաստը և մեզ լքելով՝ փախել»։

― Բայց մի՞թե ես կլքեի իմ նեգրին, ամբողջ աշխարհում իմ ունեցած միակ նեգրին, միակ սեփականությունը։

― Մենք այդ մասին երբեք չենք մտածել։ Փաստն այն է, որ մենք վարժվել ենք նրան մեր նեգրը համարել։ Այո, մերն էինք համարում։ Աստծուն է հայտնի, թե որքան նեղություն կրեցինք նրա համար։ Երբ տեսանք, որ լաստը չկա և մենք էլ կոտր ենք ընկել, մեզ ոչինչ չէր մնում, բացի մեկ անգամ էլ «Արքայական ընձուղտ» փորձելուց։ Իսկ ես առավոտից ժրաջան աշխատում եմ և չորացել եմ, ինչպես վառոդամանը։ Ո՞ւր է տասը ցենտը։ Տուր տեսնեմ։

Ինձ մոտ դրամ շատ կար։ Տասը ցենտ տվեցի, բայց խնդրեցի, որ ուտելու բան առնի և մի քիչ էլ ինձ տա, քանի որ իմ ունեցած ամբողջ դրամն այդ էր, և ես էլ երեկվանից ոչինչ չեմ կերել։ Նա ոչինչ չասաց։ Դարձավ իմ կողմն ու ասաց․

― Ի՞նչ ես կարծում, այդ նեգրը մեզ չի՞ մատնի։ Մենք նրան կմաշկենք, եթե նա այդպիսի բան անի։

― Ինչպե՞ս նա կարող է այդպիսի բան անել։ Չէ՞ որ նա փախել է։

― Ոչ, այդ ծերուկ հիմարը վաճառել է նրան, ինձ ստացածից ոչինչ չի տվել և դրամն էլ քամուն է տվել։

― Վաճառե՞լ է, ― ասացի ես և սկսեցի լաց լինել, ― բայց չէ՞ որ նա իմ նեգրն էր, և դրամն էլ իմը․․․ Որտե՞ղ է նա։ Ես իմ նեգրին եմ ուզում։

― Լավ, այլևս դու քո նեգրին տեր չես դառնա, ամեն ինչ վերջացել է, այնպես որ լացուկոծիդ վերջ տուր։ Ինձ նայիր, կարծում ես, թե կհամարձակվե՞ս մեզ մատնել։ Անիծվեմ, եթե քեզ հավատամ։ Իսկ եթե մեզ մատնես․․․

Նա կանգ առավ։ Ես երբեք չէի տեսել, որ դուքսն այդպես ահռելի հայացքով նայեր։ Ես շարունակեցի թնգթնգալ և ասացի․

― Ես ոչ ոքի մատնել չեմ ուզում, ոչ էլ ժամանակ ունեմ մատնելու․ ես պետք է գնամ՝ իմ նեգրին գտնեմ։

Երևում էր, որ ասածս դուր չեկավ, որովհետև նա կանգ առավ, մտածեց ու կնճռոտեց ճակատը։ Աֆիշները թրթռում էին նրա թևերին։ Վերջապես ասաց․

― Ես քեզ մի բան ասեմ։ Մենք այստեղ մնալու ենք երեք օր։ Եթե խոստանաս, որ չես մատնի մեզ և չես թողնի, որ քո նեգրը մատնի մեզ, ես կասեմ, թե որտեղ գտնես նրան։

Ես խոստացա չմատնել, և նա ասաց․

― Մի ֆերմեր, որի անունն է Սայլաս Ֆ․․․ ― և նա կանգ առավ։

Ինչպես տեսնում եք, նա ճշմարտությունն ասաց, բայց երբ այդ ձևով կանգ առավ ու նորից մտածմունքի մեջ ընկավ, ենթադրեցի, թե զղջաց։ Եվ, իսկապես, միտքը փոխեց։ Նա ինձ չէր վստահում և ուզում էր, որ այդ երեք օրն այդտեղ չլինեի։ Շուտով թե․

― Նրան գնող մարդու անունն Աբրամ Ֆոստեր է, Աբրամ Ջ․ Ֆոստեր, և նա ապրում է այստեղից քառասուն մղոն հեռու գյուղական մի շրջանում, Լաֆայետ տանող ճանապարհի վրա։

― Լավ, ― ասացի, ― երեք օրում քայլելով կհասնեմ, հենց այսօր կեսօրից հետո ճանապարհ կընկնեմ։

― Ոչ, մի՛ ուշացնի, հենց հիմա գնա, ժամանակ մի՛ կորցնի, ոչ էլ ճամփին սրա֊նրա հետ շաղակրատիր։ Լեզուդ քեզ քաշիր ու գնա, այդ դեպքում մեզանից քեզ ոչ մի վնաս չի հասնի, լսո՞ւմ ես։

Հենց իմ ուզածն էլ այդ էր, հենց դրա համար էի այդ դերը խաղում։ Ես ուզում էի ազատ լինել, որպեսզի իմ ծրագրերին հետևեի։

― Դե՛ գնա, ― ասաց նա, ― կարող ես միստր Ֆոստերին ասել, ինչ ուզում ես։ Գուցե կարողանաս համոզել, որ Ջիմը քո նեգրն է։ Որոշ հիմարներ փաստաթուղթ չեն պահանջում։ Համենայն դեպս հարավում, ինչպես լսել եմ, այդպիսի մարդիկ կան։ Եվ երբ դու նրան ասես, որ կեղծ են հայտարարությունն ու խոստացած պարգևը, գուցե նա հավատա քեզ, մանավանդ երբ բացատրես, թե ինչ նպատակով են դրանք պատրաստվել։ Այժմ ճանապարհ ընկիր և կարող ես նրան ասել, ինչ ցանկանում ես։ Միայն թե լսիր․ ճանապարհին լեզուդ քեզ պահիր։

Ես բաժանվեցի նրանից, ուղղություն վերցնելով դեպի այդ շրջանը։ Ետ չէի նայում, չնայած զգում էի, որ նա հետևում է ինձ։ Բայց չգիտեի, որ կարող եմ նրան շատ շուտ հոգնեցնել։ Առանց կանգ առնելու գնացի մի ամբողջ մղոն։ Ապա անտառի միջով ետ դարձա դեպի Ֆելփսի ագարակը։ Մտադիր էի իսկույն գործի անցնել, առանց դեսուդեն ընկնելու։ Ուզում էի, որ Ջիմը փակեր իմ բերանը, մինչև այս խարդախները հեռանային։ Այլևս դրանց հետ գործ ունենալու ցանկություն չունեի։ Արդեն կշտացել էի և այժմ ուզում էի գլուխս ազատել դրանցից։

Գլուխ երեսուներկուերորդ

Երբ հասա այդ կալվածքը, ամենուրեք խաղաղ էր, ինչպես կիրակի օրերը, շոգ ու արևոտ։ Աշխատող մարդիկ գնացել էին դաշտ։ Օդում նվաղուն բզզում էին բզեզներն ու ճանճերը, և դա առաջացնում էր ամայության ու տխրության զգացում։ Թվում էր, թե ամեն ինչ մեռած է։ Իսկ եթե զեփյուռը մեղմ փչում էր, և տերևները դողդողում էին, մարդու համակում էր սոսկալի մի զգացում․ թվում էր, թե ոգիներն են շշնջում, հոգիներն այն մարդկանց, ովքեր մեռել էին շատ տարիներ առաջ։ Միշտ մտածում ես, թե քո մասին են խոսում։ Ընդհանրապես դա մարդկանց մեջ մեռած լինելու ցանկություն է առաջացնում, որով և ամեն ինչ վերջանում է։

Ֆելփսի ագարակն այն փոքրիկ, աննշան պլանտացիաներից էր, որոնք բոլորն էլ նման են իրար։ Երկու ակրանոց[23] բակը շրջափակված էր ձողերով։ Ցանկապատն անցնելու համար սանդուղք էին պատրաստել փայտի կոճղերից․ դրանք սղոցել էին տարբեր բարձրությամբ և շարել իրար կողքի այնպես, որ կարծես տարբեր երկարության տակառներ լինեին։ Կանայք այդ սանդուղքն օգտագործում էին նաև ձի հեծնելիս։ Ընդարձակ բակում տեղ֊տեղ երևում էին կծղած խոտեր, բայց մեծ մասամբ հողը մերկ էր ու հարթ, նման հին գլխարկի, որի մազմզուկը մաշվել թափվել է։ Բակում երևում էր կրկնակի կոճղերից կառուցված մի մեծ տուն, որտեղ ապրում էին սպիտակամորթները։ Գերանները հղկված էին, և արանքները լցված կավով կամ կրով։ Երևում էր, որ այս կավե շերտերը շատ վաղուց էին սպիտակեցրել։ Կլոր, չտաշած գերաններից պատրաստած խոհանոց, մեծ, լայն, կողքերը բաց, բայց վերևից ծածկված միջանցքով միանում էր տանը։ Խոհանոցի ետևում կոճղերից պատրաստել էին ապխտանոց։ Կար երեք փոքրիկ խրճիթ՝ նեգրերի համար։ Դրանք շարված էին իրար կողի ապխտանոցից այն կողմ։ Ահա մի փոքրիկ հյուղակ, բոլորովին առանձին՝ ցանկապատին կպած, իսկ մյուս կողմի վրա՝ մի քանի տուն։ Հյուղակի կողքին կար մոխիր հավաքելու տեղ, ինչպես և օճառ եփելու կաթսա։ Խոհանոցի դռան մոտ կար նստարան, կողքին մի ջրաման և մի ջրդդում։ Արևի տակ քնել էր մի որսաշուն։ Կային և այլ շներ՝ այս ու այն կողմ քնած։ Անկյունում կային ստվերախիտ երեք ծառ, ցանկապատի մոտ՝ հաղարջի թփուտներ, ցանկապատից դուրս՝ մի բանջարանոց և ձմերուկի մարդ։ Այնուհետև սկսվում էր բամբակի դաշտը, իսկ դաշտից այն կողմ՝ անտառը։

Ես պտտվեցի պարսպի շուրջը և մոխրակույտի վրա բարձրանալով՝ իջա բակը։ Շարժվեցի դեպի խոհանոցը։ Մի քանի քայլ էի անցել, երբ լսեցի ճախարակի անվի բարձրացող ու իջնող խուլ, ողբաձայն մրմունջը։ Այնքան տխուր էր այդ ձայնը, որ ես ցանկացա մեռնել։

Շարունակեցի շարժվել առաջ, առանց պատկերացնելու անելիքս, հույս դնելով միայն նախախնամության վրա։ Աստծո օգնությամբ հարկ եղած դեպքում մի բան կանեմ։ Մինչ այդ հաճախ էի նկատել, որ նախախնամությունը միշտ էլ օգնել է, երբ ինքս նրան չեմ խանգարել։

Ճանապարհի կեսն անցել էի, երբ մի շուն, ապա մի ուրիշը վրա տվին։ Կանգ առա ու նայեցի նրանց՝ առանց տեղիցս շարժվելու։ Մեկ էլ որ հաչեցին, քառորդ րոպե չանցած ես, շրջապատված շներով, նման էի անվակենտրոնի, իսկ դրանք կարծես անվաճաղեր լինեին։ Տասնհինգ շնից կազմված օղակը շրջապատել էր ինձ, վզերն ու քթները դուրս պրծած՝ հաչում ու կաղկանձում էին։ Գալիս էին և նորերը։ Պետք էր տեսնել, թե ինչպես դրանք թռչում են ցանկապատերի վրայով, վրա տալիս անկյուններից ու բոլոր կողմերից։

Մի նեգր կին, գրտնակը ձեռքին, դուրս վազեց խոհանոցից, և բղավեց․ «Կորե՛ք, Վա՛գր, Սփո՛թ, հեռացե՛ք, սը՛ր»։ Նա նախ մեկին և ապա մյուսին գրտնակով խփեց։ Շները կաղկանձելով հեռացան, մնացածները հետևեցին նրանց։ Հաջորդ վայրկյանին նրանց կեսը ետ եկավ և շրջապատեց ինձ։ Պոչները շարժելով ուզում էին ինձ հետ բարեկամանալ։ Շունը երբեք վնաս չի տա մարդուն։

Կնոջ ետևից եկան մի փոքրիկ նեգր աղջիկ և երկու փոքրիկ նեգր տղա, որոնց հագին քաթանե շապիկներից բացի, ոչինչ չկար։ Նրանք մոր զգեստից կախված գաղտագողի նայում էին ինձ փոքրերին հատուկ ամաչկոտությամբ։ Ահա դուրս վազեց նաև քառասունհինգ֊հիսուն տարեկան սպիտակամորթ մի կին՝ գլխաբաց և իլիկը ձեռքին։ Մորն էին հետևում փոքրիկ, սպիտակ երեխաները։ Սրանք էլ վարվեցին այնպես, ինչպես փոքրիկ նեգրերը։ Այդ կինն այնպես էր ծիծաղում, որ հազիվ էր կարողանում ոտքի վրա կանգնել։ Նա ասաց․

― Դո՜ւ ես, վերջապես եկա՞ր, հա՞։

Առանց երկար֊բարակ մտածելու վրա բերեցի․

― Այո, տիկին։

Նա ինձ գրկեց ու ամուր սեղմեց իր կրծքին, ապա բռնեց ձեռքերս, երկար֊երկար ցնցեց։ Աչքերը լցվեցին արցունքներով, և տաք շիթերը գլորվեցին այտերն ի վար։ Նա գրկելուց ու ցնցելուց չէր հագենում և անընդհատ ասում էր․

― Դու այնքան էլ մորդ նման չես, որքան ենթադրում էի, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։ Որքա՜ն ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ։ Սիրելիս, սիրելիս, քիչ է մնում՝ ուտեմ քեզ։ Երեխաներ, սա ձեր մորաքրոջ որդի Թոմն է, բարևեցեք։

Բայց երեխաները կախեցին գլուխները, մատները դրեցին բերանները և թաքնեվեցին նրա ետևում։ Կինը շարունակեց․

― Լիզա՛, շտապի՛ր, տաք նախաճաշ բեր, շո՛ւտ։ Նավում նախաճաշե՞լ ես։

Ասացի, որ նախաճաշել եմ։ Նա ձեռքս բռնած ինձ տարավ տուն, երեխաները հետևեցին մեզ։ Տանը նա ինձ նստեցրեց մեջտեղը ճեղքված ծղոտե մի աթոռի, երկու ձեռքերս բռնած՝ ասաց․

― Հիմա կարող եմ կուշտ նայել քեզ։ Աստվա՜ծ իմ, քանի՜ տարի եմ երազել քեզ տեսնել, և վերջապես այդ օրը հասավ։ Երկու օր է, նույնիսկ ավելի, որ սպասում էինք քեզ։ Ինչո՞ւ ուշացար․ նավը ծանծաղո՞ւտն ընկավ, ի՞նչ է։

― Այո, տիկին, նավը․․․

― Մի ասա, «այո տիկին», ասա մորաքույր Սալլի․․․ Որտե՞ղ նավը ծանծաղուտն ընկավ։

Չգիտեի, թե ինչ ասեմ․ ի՞նչ իմանայի՝ նավը գետի հոսանքո՞վ պիտի բարձրանար, թե՞ ցած իջներ։ Բայց ես բնազդով հաճախ էի առաջնորդվում, և բնազդս հուշեց, որ նավը պետք է Նոր Օռլեանից գետն ի վեր եկած լինի։ Դա էլ ինձ շատ չօգնեց․ չգիտեի այդ ճանապարհի վրա եղած ծանծաղուտների անունները։ Զգում էի, որ պետք է մի ծանծաղուտ հնարեմ կամ ասեմ, թե մոռացել եմ այդ տեղի անունը, ուր նավը նստեց, կամ․․․ հանկարծ գլխումս մի միտք ծագեց, և ես շարունակեցի․

― Հարցը ծանծաղուտ ընկնելը չէ, դա մեզ շատ չուշացրեց։ Շոգենավի մի գլանի գլուխը պայթեց։

― Ողորմա՜ծ տեր, մարդ վնասվե՞ց։

― Բարեբախտություն է, որովհետև երբեմն մարդիկ էլ են վնասվում։ Երկու տարի առաջ ջրօրհնեքին, երբ հորեղբայր Սայլասը, Նոր Օռլեանից գալիս էր «Լալլի Ռուք» նավով, գլանի գլուխը պայթեց, և մի մարդ դարձավ հաշմանդամ։ Երևի հետագայում մեռավ։ Այդ մարդը բապտիստ էր։ Հորեղբայրդ՝ Սայլասը, ծանոթ էր Բատոն֊Ռուժում ապրող մի ընտանիքի, որը լավ էր ճանաչում այդ մարդու ազգականներին։ Այո, լավ եմ հիշում․ նա մեռավ։ Սկսվեց մարմնի մասերի անզգայացում, և ստիպված եղան անդամահատել։ Բայց դա չփրկեց նրան։ Այո, անզգայացում․․․ ամբողջ մարմինը կապտեց, և նա մեռավ փառավոր հարության հույսով։ Ասում են, սարսափելի էր նայելը։ Հորեղբայրդ ամեն օր գնում էր քաղաք՝ քեզ բերելու։ Այսօր էլ է գնացել, մոտ մեկ ժամ առաջ։ Հիմա ուր որ է կգա։ Պետք է որ ճանապարհին հանդիպեիք․․․ չհանդիպեցի՞ք։ Ծերունի է․․․

― Ոչ, ոչ ոքի չհանդիպեցի, մորաքույր Սալլի։ Նավն ափին մոտեցավ լուսաբացին։ Ճամպրուկս թողեցի նավամատույցում և գնացի քաղաք շրջելու։ Մի փոքր էլ դաշտերում զբոսնեցի, որ ժամանակ անցնի, և շատ կանուխ չգամ այստեղ։ Այնպես որ այլ ճանապարհով եկա այստեղ։

― Իսկ ո՞ւմ մոտ թողեցիր ճամպրուկը։

― Ոչ ոքի։

― Ինչպե՞ս թե, տղաս, կգողանան։

― Որտեղ թաքցրել եմ, այնտեղից չեն գողանա, ― ասացի ես։

― Ինչպե՞ս այդքան վաղ նավի վրա նախաճաշեցիր։

Բավական նուրբ հարց էր, բայց ես պատասխանեցի․

― Նավապետը տեսավ ինձ մի կողմ կանգնած և ասաց, որ լավ կլինի նախքան ափ դուրս գալը մի բան ուտեմ։ Ինձ տարավ նավաստիների սենյակը՝ սպաների նախաճաշին և ինձ տվեց այն ամենը, ինչ ուզում էի։

Ես այնքան էի հուզվել, որ չէի կարողանում կարգին լսել նրա ասածները։ Ամբողջ ժամանակ ուշքս ու միտքս երեխաների կողմն էր։ Ուզում էի նրանց մի կողմ տանել, որոշ գաղտնիքներ կորզել, իմանալ, թե ես ով եմ։ Բայց դա հնարավոր չեղավ։ Միսիս Ֆելփսը շարունակեց իր հարց ու պատասխանը։ Շուտով նույնիսկ դող անցավ մարմնովս, երբ նա ասաց․

― Ամբողջ ժամանակ այսպես խոսում ենք, բայց դու ոչինչ չասացիր քրոջս կամ մյուսների մասին։ Հիմա ես կլռեմ, իսկ դու պատմիր ձերոնց մասին։ Ամեն ինչ պատմիր, բոլորի մասին, ամեն ինչ ասա, ինչպե՞ս են ձերոնք, ի՞նչ են անում, ի՞նչ ասացին, որ ինձ ասես․ ամեն մի մանրամասնություն, որ կարող ես մտաբերել։

Տեսա, որ բռնվեցի, այն էլ ինչպե՜ս։ Մինչև այժմ նախախնամությունն իմ կողմն էր, բայց այժմ խոր թաղվեցի տիղմի մեջ։ Զգացի, որ այլևս միտք չուներ շարունակել․ պետք է ձեռքերս վեր բարձրացնեի։ Ինքս ինձ ասացի․ ահա նորից պետք է սիրտ անեմ և ասեմ ճշմարտությունը։ Բերանս բաց արի, որ խոսեմ, բայց նա հանկարծ բռնեց ինձ ու քշեց մահճակալի ետևը, ասելով․

― Ահա, գալիս է։ Ցածրացիր, գլուխդ չերևա․ ա՛յ, այդպես լավ է․ չես երևում։ Ձայն չհանես, թե եկել ես։ Նրա հետ խաղ եմ խաղալու։ Երեխաներ, ոչինչ չասեք։

Տեսա, որ դժվար կացության մեջ եմ ընկել։ Բայց անհանգստանալն անօգուտ էր, ոչինչ չէր մնում անելու, բացի լուռ սպասելուց և որոտ ու կայծակին պատրաստ լինելուց։

Ես հազիվ նշմարեցի ծեր ջենտլմենին, երբ նա ներս մտավ։ Այնուհետև մահճակալը թույլ չէր տալիս տեսնել նրան։ Միսիս Ֆելփսը ընդառաջ վազեց և հարցրեց․

― Եկա՞վ։

― Ոչ, ― պատասխանեց ամուսինը։

― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց միսիս Ֆելփսը, ― ի՞նչ կարող է պատահած լինել։

― Չեմ կարող պատկերացնել, ― ասաց ջենտլմենը, ― պետք է ասեմ, որ դա սարսափելի անհանգստացնում է ինձ։

― Անհանգստացնո՜ւմ, ― ասաց կինը, ― ես պատրաստ եմ խելագարվելու։ Պետք է որ նա եկած լինի, երևի ճանապարհին չես նկատել։ Հաստատ գիտեմ։ Սիրտս ասում է, որ այդպես պետք է լինի։

― Ի՞նչ ես ասում, Սալլի, ես ճանապարհին չէի կարող չհանդիպել նրան, դու հո գիտես։

― Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ի՞նչ կասի քույրս։ Պետք է տղան եկած լիներ։ Չես հանդիպել։ Նա․․․

― Սիրտս մի՛ կոտրիր։ Առանց այդ էլ սիրտս կոտրված է։ Չգիտեմ, ինչ ասեմ։ Ուղղակի շվարել եմ, խոստովանում եմ։ Ոչ մի հույս չունեմ, թե կգա․ չէր կարող պատահել, որ նա գար, և ես չհանդիպեի։ Սարսափելի է, Սալլի, սարսափելի․ անպայման նավին մի բան է պատահել։

― Օ՜յ, Սայլաս, նայի՛ր այն կողմ, ճանապարհին, ինչ֊որ մեկը գալիս է, չէ՞։ Ծերունին շարժվեց դեպի մահճակալի գլխավերևի պատուհանը, և դա հնարավորություն տվեց միսիս Ֆելփսին արագ կռանալ և ինձ դուրս քաշել։ Ես դուրս եկա։ Երբ միստր Ֆելփսը շուռ եկավ, կինը կանգնած շողշողում ու ծիծաղում էր։ Ես, շվարած ու քրտնքի մեջ կորած, կանգնել էի մի կողմ։ Ծեր ջենտլմենը, աչքերը հառած, հարցրեց․

― Ո՞վ է դա։

― Քո կարծիքով ո՞վ կարող է լինել։

― Չգիտեմ։ Ո՞վ է։

― Թոմ Սոյերն է։

Ազնիվ խոսք, քիչ էր մնում ամոթից գետինը մտնեի։ Բայց ժամանակ չեղավ հասկանալու, թե ի՛նչ պետք է անել։ Ծերունին բռնեց իմ ձեռքն ու երկար թոթվեց, և ամբողջ ժամանակ ինչպե՜ս էր պարում կինը, ծիծաղում ու լաց լինում։ Այնուհետև ինչպե՜ս էին նրանք հարցեր տեղում գլխիս Սիդի, Մերիի ու մյուս ազգականների մասին։

Եթե նրանք ցնծության մեջ էին, ապա նրանց ուրախությունն իմ ուրախության հետ համեմատ ոչինչ էր։ Կարծես նորից ծնվեցի։ Այնքա՜ն ուրախ էի, որ իմացա, թե ով եմ ես։ Նրանք ինձ երկու ժամ չարչարեցին։ Վերջապես, երբ իմ ծնոտն այնքան հոգնեց, որ հազիվ թե այլևս կարողանար շարժվել, ստիպված եղա այնքան բան պատմել մեր ընտանիքի, այսինքն՝ Թոմ Սոյերի ընտանիքի մասին, որ կբավականացներ վեց այդպիսի ընտանիքի։ Պատմեցի, թե ինչպես Սպիտակ գետի գետաբերանում մենք պայթեցրինք մի շոգեկաթսա, և կարգի բերելը մեզանից երեք օր խլեց։ Գործը շատ հարթ գնաց և շատ լավ տպավորություն թողեց, քանի որ նրանք այդ գործից ոչինչ չէին հասկանում, միայն գիտեին, որ կաթսան կարգի բերելու համար երեք օր է պահանջվում։ Եթե ասեի, թե սողնակի գլուխը պայթեց, նույնպես նպատակիս հասած կլինեի։

― Այժմ ես ինձ մի կողմից շատ հանգիստ էի զգում, մյուս կողմից՝ շատ անհանգիստ։ Հանգիստ ու դուրեկան էր լինել Թոմ Սոյեր, և այդպես հանգիստ ու դուրեկան մնաց, մինչև լսեցի գետով իջնող շոգենավի հևոցը։ Ինքս ինձ ասացի․ «Չլինի՞ հանկարծ Թոմ Սոյերը դրանով գա, և հանկարծ մտնի այս սենյակը, և իմ անունը տա, նախքան ես կկարողանամ աչքով անել ու հասկացնել, որ լուռ մնա։

Ինչ որ է, ես չէի կարող այդպիսի բան թույլ տալ․ դա բոլորովին ձեռնտու չէր, պետք է գնայի և ճանապարհին սպասեի նրան։ Ասացի, որ մտադիր եմ գնալ քաղաք և բերել ճամպրուկս։ Ծեր ջենտլմենն ուզում էր ինձ հետ գալ, բայց ես ասացի, որ կարիք չկա, ինքս կարող եմ ձին քշել և չեմ ուզում նեղություն տալ։


Գլուխ երեսուներեքերորդ

Կառքով ուղևորվեցի քաղաք։ Ճանապարհի կեսն անցել էի, երբ տեսա դիմացից եկող մի կառք։ Կասկած չկար, որ սա Թոմ Սոյերն էր։ Ես կանգ առա և սպասեցի, մինչև նա հասավ ինձ։ Ես ձայն տվի․ «Կանգնիր», և կառքը կանգ առավ իմ կողքին։ Թոմ Սոյերի բերանը բացվեց, ինչպես արկղի կափարիչը, և այլևս չփակվեց։ Նա երկու֊երեք անգամ կուլ տվեց թուքը, կարծես կոկորդը չորացած լիներ, և ապա ասաց․

― Ես երբեք քեզ վնաս չեմ տվել։ Դու այդ գիտես, էլ ինչո՞ւ ես այն աշխարհից վերադարձել։ Ինձանից ի՞նչ ես ուզում։

― Ես ետ չեմ եկել, ոչ էլ գնացած եմ եղել։

Ձայնս լսելով՝ նա փոքր֊ինչ սրտապնդվեց, բայց դեռ անհանգիստ էր։

― Գլխիս խաղ չխաղաս, չէ՞ որ ես էլ քո գլխին խաղ չեմ խաղացել։ Երդվիր հնդկացու ազնիվ խոսքով, որ դու ուրվական չես։

― Հնդկացու ազնիվ խոսք․ ուրվական չեմ։

― Լավ, ես․․․ լավ, պետք է, որ դրանով հարցը փակված համարենք, բայց մի տեսակ հավատս չի գալիս, ոչ մի կերպ։ Նայիր ինձ․ մի՞թե դու չես սպանվել։

― Ոչ։ Ես երբեք չեմ սպանվել։ Այդ խաղը ես եմ խաղացել նրանց գլխին։ Մոտ արի և շոշափիր ինձ, եթե չես հավատում։

Թոմը մոտեցավ, շոշափեց ինձ և դա հանգստացրեց նրան։ Այժմ նա այնպես էր ուրախացել նորից ինձ տեսնելու համար, որ չգիտեր, թե ինչ անի։ Ցանկանում էր ամեն ինչ անմիջապես իմանալ, որովհետև դա հոյակապ արկած էր, խորհրդավոր և դիպչում էր նրա սրտին։ Բայց ես ասացի, թե հետո առանձին կպատմեմ։ Նրա կառապանին պատվիրեցի սպասել, իսկ մենք իմ կառքով մի փոքր առանձնացանք։ Ես պատմեցի, թե ինչ վիճակի մեջ եմ ընկել։ Հարցրի, թե իր կարծիքով ի՞նչ անենք, որ լավ լինի։ Նա խնդրեց, որ իրեն մի րոպե հանգիստ թողնեմ և չխանգարեմ։ Երկար֊բարակ մտածեց և շուտով ասաց․

― Շատ լավ․ գտա միջոցը։ Իմ սնդուկը տար քո կառքով, իբր թե դա քոնն է։ Դանդաղ գնա, այն հաշվով, որ տուն հասնես որոշված ժամին։ Ես մի փոքր թրև կգամ քաղաքում և տուն կհասնեմ քեզանից քառորդ կամ կես ժամ հետո։ Սկզբում այնպես ցույց տուր, թե չես ճանաչում ինձ։

― Ես ասացի․

― Շատ լավ, բայց մի րոպե սպասիր։ Մի բան էլ կա, մի բան, որի մասին ինձանից բացի ոչ ոք չգիտե։ Բանն այն է, որ այստեղ մի նեգր կա, որին աշխատում եմ գողանալ և ազատել ստրկությունից։ Անունը Ջիմ է՝ պառավ Ուոթսոնի Ջիմը։

Նա ասաց․

― Ի՞նչ, չէ՞ որ Ջիմը․․․

Նա մտածմունքի մեջ ընկավ։ Ես ասացի․

― Գիտեմ, թե ինչ ես ասելու։ Ասելու ես, որ դա կեղտոտ, ստոր գործ է։ Բայց ի՞նչ անենք։ Ես ինքս եմ ստոր։ Մտադիր եմ գողանալ նրան և ուզում եմ, որ լուռ մնաս ու ոչ ոքի չասես։ Համաձա՞յն ես։

Նրա աչքերը պայծառացան․

― Ես այդ գործում կօգնեմ քեզ։

Այդ լսելիս ես թուլացա․ կարծես ինձ վրա կրակեցին։ Կյանքումս այդքան անսպասելի բան չէի տեսել։ Ճիշտն ասած, Թոմ Սոյերը շատ ընկավ իմ աչքից։ Միայն թե չէի կարող հավատալ նրա խոստումին․ Թոմ Սոյերը նեգր գողացո՜ղ։

― Էհ, ― ասացի ես․ ― կատակ եմ անում։

― Իսկի էլ չէ։

― Լավ, ուրեմն, ― ասացի ես, ― կատակ է թե կատակ չէ, ասեմ, որ եթե լսես որևէ փախած նեգրի մասին, չմոռանաս, որ դու էլ ինձ նման ոչինչ չգիտես։

Այնուհետև վերցրինք սնդուկը, դրինք իմ կառքը, ապա նա գնաց մի կողմ, ես՝ մի ուրիշ կողմ։ Բայց ես, իհարկե, այնքան էի ուրախացել և այնքան տարվել մտքերով, որ մոռացել էի, թե դանդաղ պիտի գնամ։ Տուն հասա շատ շուտ, եթե նկատի ունենանք երկար ճանապարհը։ Ծեր ջենտլմենը դռան առջևն էր և ասաց․

― Օ՜, զարմանալի է։ Ո՞վ կմտածեր, թե իմ մատակը կարող է այդքան արագ վազել։ Լ ավ կլիներ, որ իմանայինք ժամը քանիսին գնացիր։ Մի մազ էլ չի քրտնել, ոչ մի մազ։ Զարմանալի է։ Եթե վաճառեմ, հարյուր դոլարից պակաս չեմ պահանջի, ազնիվ խոսք։ Իսկ առաջ համաձայն էի տասնհինգի, կարծելով, թե ավելին չարժե։

Ուրիշ ոչինչ չասաց։ Ես ավելի անմեղ, ավելի լավ ծերունու կյանքումս չէի տեսել։ Բայց դա զարմանալի չէր, որովհետև նա ոչ միայն երկրագործ էր, այլև քարոզիչ։ Պլանտացիայի ետևում ուներ փոքրիկ մի եկեղեցի, որն ինքն էր կառուցել իր ծախսով և որը միաժամանակ նաև դպրոց էր։ Նա երբեք ոչինչ չէր պահանջում իր քարոզների համար և չարժեր պահանջել։ Հարավում նրա նման այլ երկրագործ քարոզիչներ շատ կային, որոնք նույն ձևով էին վարվում։

Մոտ կես ժամ հետո Թոմի կառքը կանգնեց ցանկապատի դիմաց։ Մորաքույր Սալլին դեռ հիսուն յարդ հեռավորության վրա տեսավ նրան պատուհանից և ասաց․

― Ահա, ինչ֊որ մեկը գալիս է։ Հետաքրքիր է՝ ո՞վ է։ Կարծում եմ, օտարական է, Ջիմմի (դա երեխաներից մեկն էր), գնա, ասա Լիզային մեկ ափսե էլ դնի ճաշի համար։

Բոլորը նետվեցին դեպի դիմացի դուռը, որովհետև, իհարկե, ամեն տարի օտարական չի գալիս, հետևաբար այսպիսի այցելությունները ավելի շատ են հետաքրքրություն առաջացնում, քան դեղին տենդը։ Թոմը բարձրացել էր պատնեշը և իջնում էր ցած։ Կառքն արդեն ճանապարհով ետ էր գնում դեպի քաղաք։ Մենք բոլորս հավաքվել էինք դռան առջև։ Թոմը հագել էր նոր շորեր և ուներ մեզ նման հանդիսականներ։ Իսկ դա նրա համար ամեն ինչ էր։ Նման պարագաներում նրա համար դժվար չէր համապատասխան ոճ գտնել։ Նա այն տղաներից չէր, որ այդ բակով հեզահամբույր շարժվեր ինչպես ոչխարը։ Քայլում էր խոյի պես հանգիստ ու ինգնագոհ։ Երբ մոտեցավ մեզ, այնքա՜ն շնորհալի ու քնքշորեն հանեց գլխարկը, կարծես թե դա մի տուփի կափարիչ լիներ, որի մեջ ննջում էին թիթեռնիկներ, և նա չի ուզում խռովել նրանց հանգիստը։ Նա ասաց․

― Նա ասաց, եթե չեմ սխալվում, միստր Արչիբալդ Նիկոլս։

― Ոչ, տղաս, ― ասաց ծեր ջենտլմենը, ― ցավում եմ, ցավում եմ, որ ձեր կառապանը խաբել է ձեզ։ Նիկոլսի ագարակը մոտ երեսուն մղոն ներքև է։ Ներս եկեք, ներս եկեք։

Թոմն ուսի վրայից ետ նայեց ու ասաց․

― Արդեն ուշ է, նա այլևս չի երևում։

― Այո, որդիս, նա գնաց, իսկ դուք ներս եկեք և մեզ հետ ճաշեք։ Հետո մենք կառքը կլծենք ու ձեզ կտանենք Նիկոլսի ագարակը։

― Օ՜, ես չեմ կարող ձեզ այդքան նեղություն պատճառել։ Ինչպե՞ս կարելի է։ Ոտքով կգնամ։ Երեք մղոնն ինձ համար ի՞նչ է որ․․․

― Բայց մենք թույլ չենք տա, որ ոտքով գնաս․ դա չի համապատասխանում հարավի հյուրընկալությանը։ Դե՛հ, համեցեք ներս։

― Օ՜, համեցեք, ― ասաց մորաքույր Սալլին, ― դա մեզ համարյա բոլորովին էլ նեղություն չէ։ Ի՞նչ նեղություն։ Անպայման մնացեք։ Դա փոշոտ, երկար ճանապարհ է, երեք մղոն, և մենք չենք կարող թույլ տալ, որ ոտքով գնաք։ Բացի այդ, երբ ես տեսա ձեզ, արդեն ասացի, որ սեղանի վրա մի աման էլ դնեն։ Ուրեմն, չպետք է մեզ հուսախաբ անեք։ Դե՛, անմիջապես ներս եկեք և ձեզ զգացեք ինչպես ձեր տանը։

Թոմը, թույլ տալով, որ համոզեն իրեն, սրտանց և կիրթ ձևով շնորհակալություն հայտնեց ու ներս մտավ։ Երբ ներսում էր, ասաց, որ ինքը Օհայո նահանգի Հիքսվիլից է, և իր անունը Վիլյամ Թոմսոն է։ Եվ նորից գլուխ տվեց։

Նա խոսեց, խոսեց, հազար ու մի բան պատմեց Հեքսվիլի և այնտեղ ապրող բոլոր մարդկանց մասին։ Ինչե՜ր էր հնարում։ Դա ինձ մասամբ ջղայնացնում էր․ մտածում էի, թե նրա պատմությունը ինչո՛վ էր ինձ օգնելու, որ դուրս գամ այդ վիճակից։ Վերջապես, նա վեր կացավ, առանց իր փչոցը դադարեցնելու, ուղղակի համբուրեց մորաքույր Սալլիի շրթունքները, ապա նորից հանգիստ նստեց իր աթոռին ու շարունակեց խոսել։ Մորաքույր Սալլին վեր թռավ, ձեռքով սրբեց շրթունքներն ու ասաց․

― Հանդո՛ւգն լակոտ։

Թոմ Սոյերը կարծես իրեն վիրավորված զգաց։

― Զարմանում եմ ձեզ վրա, տիկին։

― Զարմանո՞ւմ։ Ինչո՞ւ, քո կարծիքով ի՞նչ եմ ես։ Հիմա կվերցնեմ, և․․․ Ասա՛, ի՞նչ փչեց խելքիդ, ինչո՞ւ ինձ համբուրեցիր։

Թոմ Սոյերը ասես ընկճվելով ասաց․

― Հենց այնպես, տիկին։ Խելքիս ոչ մի բան էլ չփչեց։ Ես․․․ ես․․․ կարծում էի, թե դա ձեզ դուր կգա։

― Ինչպե՞ս թե, հիմարի գլուխ, ― և նա վերցրեց իլիկը և այնպիսի տեսք ընդունեց, կարծես թե հազիվ կարողանար զսպել իրեն, որ Թոմի գլխին չհասցնի, ― ի՞նչն ստիպեց քեզ մտածել, որ դա ինձ դուր կգա։

― Չգիտեմ։ Միայն թե․․․ Ինձ ասացին, թե կուզենաք․․․

― Ասացին, թե ես ուզում եմ․․․ ով որ քեզ այդպիսի բան է ասել, մի խելագար էլ նա է։ Ես երբեք չեմ լսել նման բան։ Այդ ո՞վ ասաց․․․

― Բոլորն էլ ասում էին, տիկին։

Տիկինը հազիվ էր իրեն զսպում։ Նրա աչքերը փայլատակում էին, մատներն այնպես էին շարժվում, կարծես ուզում էր ծվատել տղային։ Նա ասաց․

― Ցավում եմ։ Ես այսպիսի բան չէի սպասում։ Ինձ ասացին, որ պետք է համբուրել, բոլորն ասացին․ ասացին՝ համբուրիր․ դա նրան դուր կգա։ Բոլորն ասացին․․․ ամեն մարդ։ Ցավում եմ, տիկին, այլևս չեմ անի, ազնիվ խոսք, չեմ անի։

― Էլ չես անի, չէ՞։ Լավ, ընդունենք, որ էլ չես անի։

― Չեմ անի, տիկին։ Ազնիվ խոսք։ Այլևս չեմ համբուրի, մինչև դուք չխնդրեք։

― Մինչև ես չխնդրե՜մ։ Ես կյանքումս այսպիսի բան չէի տեսել։ Ասածդ երբեք չի լինի, թեկուզ դու ապուշ Մաթուասիլի[24] նման երկար ապրես։

― Լավ, ― ասաց Թոմ Սոյերը, ― զարմանալի է։ Ոչինչ չեմ հասկանում։ Ասում էին, թե ուզում եք, և ես էլ կարծեցի, թե ուզում եք, բայց․․․ ― նա լռեց ու կամաց նայեց շուրջը․ կարծես թե ուզում էր բարեկամական հայացքի հանդիպել, և կանգ առավ ծեր ջենտլմենի վրա․

― Դուք չէի՞ք կարծում, թե նա ուզում էր, որ ես իրեն համբուրեի, սըր։

― Ո՛չ։ Ես․․․ ես․․․ Լավ, ո՛չ, ես այդպիսի բան չեմ մտածել։

Ապա նա նորից նայեց շուրջը և, ինձ գտնելով, ասաց․

― Թո՛մ, դու չէի՞ր մտածում, թե մորաքույր Սալլին կպարզի թևերը և կասի․ «Սի՛դ Սոյեր»։

― Աստվա՜ծ իմ, ― գոչեց տիկինը և նրան ընդհատելով վրա պրծավ, ― ա՛խ, դու, անամո՛թ, փոքրի՛կ սրիկա, այդպե՞ս ես ինձ մոլորեցնում։ Նա ուզեց գրկել տղային, բայց Թոմը հեռու պահեց նրան ու ասաց․

― Ոչ։ Չեմ թույլ տա, մինչև չխնդրեք։

Մորաքույր Սալլին ժամանակ չկորցրեց, խնդրեց, գրկեց և համբույրներ տեղաց։ Ապա մնացածը հանձնեց ծեր ջենտլմենին։ Կարճ դադարից հետո մորաքույր Սալլին ասաց․

― Աստվա՜ծ իմ, ա՛յ քեզ իսկական անակնկալ։ Մենք քեզ բոլորովին չէինք սպասում, կարծում էինք՝ միայն Թոմը կլինի։ Քույրս երբեք չի գրել, թե մեկ ուրիշն էլ կգա։

― Պատճառն այն է, որ Թոմից բացի ոչ ոք մտադիր չէր գալ, ― ասաց նա, ― բայց ես այնքան խնդրեցի, որ վերջին րոպեին նա ինձ էլ թույլ տվեց։ Գետով իջնելիս ես և Թոմը մտածում էինք, թե չափազանց անսպասելի բան կլինի, եթե նախ ինքը գա տուն, իսկ ես հետևեմ իրեն ու առանձին ներս մտնեմ որպես օտարական։ Բայց դա սխալ էր, մորաքույր Սալլի։ Սա հարմար տեղ չէ օտարականի համար։

― Ո՛չ, չարաճճի լակոտների տեղ չէ, Սիդ։ Դեռ պետք է մի ապտակ էլ տված լինեի։ Չգիտեմ, թե որքան ժամանակ ես այդպես չէի հուզվել։ Ինչ որ է, հաշվի չեմ առնում․ ուրախությամբ կտանեի հազար այդպիսի կատակ, միայն թե ձեզ տեսնեի։ Պատկերացրու այդ արարքը։ Չեմ թաքցնում, ապուշ կտրեցի, երբ ինձ համբուրեցիր։

Մենք ճաշեցինք տան և խոհանոցի միջև ընկած բաց, լայն միջանցքում։ Սեղանի վրա այնքան բան կար, որ կբավականացներ յոթ ընտանիքի։ Ամեն ինչ տաք էր և ոչ նման այն կոշտ մսին, որ ամբողջ գիշերը պահում են խոնավ մառանում և որից առավոտյան դիակի հոտ է փչում։ Նման միս կուտի միայն ծերացած մարդակերը։

Հորեղբայր Սայլասը երկար օրհնեց սեղանը, որն արժանի էր դրան, բայց և այնպես կերակուրը չսառեց։ Մինչդեռ հաճախ նկատել եմ, որ աղոթքի ընթացքում ճաշը սառչում է։

― Կեսօրից հետո բավական շատ խոսեցինք, և ամբողջ ժամանակ ես ու Թոմն զգուշորեն հետևում էինք նրանց խոսակցությանը, թեև իզուր։ Նրանք ոչինչ չասացին փախած նեգրի մասին, իսկ մենք վախենում էինք այդ մասին նույնիսկ նվազագույն ակնարկ անելուց։ Բայց երեկոյան ընթրիքի ժամանակ փոքրիկ տղաներից մեկն ասաց․

― Հայրիկ, կարո՞ղ եմ ես Թոմի ու Սիդի հետ ներկայացման գնալ։

― Ոչ, ― ասաց ծերունին, ― կարծում եմ՝ ներկայացումը տեղի չի ունենա, իսկ եթե լինի էլ, չարժե գնալ․ փախած նեգրը Բարթոնին և ինձ ամեն ինչ պատմեց այդ խայտառակ ներկայացման մասին։ Բարթոնն ասաց, որ ինքն այդ մասին կհայտնի ժողովրդին։ Կարծում եմ, որ այդ հանդուգն խաբեբաներին արդեն քշած կլինեն քաղաքից։

Ահա թե ինչպիսին էր դրությունը։ Բայց ես ոչինչ անել չէի կարող։ Թոմը և ես քնելու էինք նույն սենյակում, նույն մահճակալի վրա։ Հոգնած էինք։ Բարի գիշեր մաղթեցինք և ընթրիքից անմիջապես հետո գնացինք քնելու։

Բարձրացանք պատուհանը, շանթարգելով իջանք փողոց և գնացինք քաղաք, որովհետև հազիվ թե որևէ մեկը թագավորին և դքսին նախազգուշացրած լիներ։ Եթե ես չշտապեի և չզգուշացնեի, նրանց բանը բուրդ կլիներ։

Ճանապարհին Թոմն ինձ պատմեց, թե ինչպես մարդիկ հավատացած են եղել, որ ես սպանված եմ, և ինչպես հայրս այնուհետև անհետացել է ու այլևս չի վերադարձել։ Պատմեց, թե ինչպիսի հուզմունք է առաջացրել Ջիմի փախուստը։ Ես էլ, որքան ժամանակը թույլ կտար, Թոմին պատմեցի ամեն ինչ մեր «Արքայական ընձուղտի» խաբեբաների և լաստով կատարած մեր ճանապարհորդության մասին։ Երբ մտանք քաղաք և հասանք կենտրոնական մասը, արդեն բավական ուշ էր, մոտավորապես ութն անց կես էր։ Հանկարծ ի՜նչ տեսնենք․ գազազած ամբոխը, ձեռքերին ջահեր բռնած, սարսափելի կռնչոցով ու ոռնոցով, թիթեղե տապակներ ծեծելով ու փողեր փչելով, շարժվում է փողոցով։ Մենք մի կողմ ցատկեցինք, որպեսզի նրանք անցնեն։ Մինչ անցնում էին, ես տեսա, թե ինչպես թագավորին ու դքսին նստեցրել են ձողի վրա (կարծում էի, որ դրանք թագավորն ու դուքսը պիտի լինեին, թեև նրանք ամբողջովին պատած էին սև ձյութով ու փետուրներով և բոլորովին նման չէին մարդկային էակների)։ Նրանք նման էին հսկայական փետրափնջերի։ Ես զզվանք զգացի։ Կարեկցում էի այդ խեղճ, ողորմելի սրիկաներին։ Այլևս չէի կարող նրանց դեմ ոխ պահել։ Սարսափելի էր տեսնել, որ մարդկային արարածը կարող է այդ աստիճանի դաժան լինել իր նմանի նկատմամբ։

Տեսանք, որ բանը բանից անցել է և այլևս չենք կարող օգնել։ Հարցրինք մի քանի պարապ թափառողների, թե ինչ է կատարվում։ Նրանք ասացին, որ մարդիկ իբր, ոչինչ չիմանալով, գնացել են ներկայացման՝ լուռ նստած սպասել են մինչև խեղճ թագավորը բեմի վրա կուշտ ցատկոտել է։ Հետո մեկն ազդանշան է տվել, և հանդիսականները վրա են պրծել։

Մենք ձեռնունայն վերադարձանք տուն։ Սրտիս վրա ինչ֊որ բան էր ծանրացել։ Ինձ մի տեսակ մեղավոր էի զգում, թեև ոչ մի վատ բան չէի արել։ Միշտ էլ այդպես է․ կարևոր չէ՝ իրավացի՞ եք, թե ոչ։ Ձեր մարդկային խիղճը դա հաշվի չի առնում և հալածում է ձեզ։ Եթե ես մի շուն ունենայի, որը մարդկային խղճի չափ աներես լիներ, կթունավորեի։ Խիղճը մարդու ներսում ավելի մեծ տեղ է գրավում, քան որևէ այլ բան, բայց ի՞նչ օգուտ։ Նույն բանն է ասում և Թոմ Սոյերը։


Գլուխ երեսունչորսերորդ

Մենք դադարեցինք խոսելուց ու սկսեցինք մտածել։ Շուտով Թոմն ասաց․

― Լսիր, Հեք, որքա՜ն հիմար ենք, որ այդ մասին նախապես չենք մտածել։ Գրազ կգամ, որ ես գիտեմ, թե որտեղ է Ջիմը։

― Որտե՞ղ է։

― Այն հյուղակում, մոխրի արկղի մոտ։ Երբ մենք ճաշի էինք նստած, դու չտեսա՞ր, որ մի նեգր գնաց այնտեղ և ուտելիք տարավ։

― Այո։

― Ւ՞նչ ես կարծում, ինչի՞ համար էր այդ ուտելիքը։

― Շան համար։

― Ես էլ այդպես էի կարծում։ Բայց դա շան համար չէր։

― Ինչո՞ւ։

― Որովհետև ձմերուկ էլ կար։

― Ճիշտ է․ ես էլ նկատեցի։ Զարմանալի է․ գլխի չընկա, որ շունը ձմերուկ չի ուտի։ Դա ցույց է տալիս, որ երբեմն մարդ կարող է նայել, բայց չտեսնել։

― Նեգրը ներս մտնելիս կողպեքը բացեց, իսկ դուրս գալիս նորից փակեց։ Երբ մենք սեղանի մոտից վեր կացանք, նա հորեղբորը մի բանալի հանձնեց, նույն բանալին, գրազ կգամ։ Ձմերուկը ցույց է տալիս, որ այնտեղ մարդ կա, կողպեքն էլ ցույց է տալիս, որ նա բանտարկյալ է։ Հավանական չէ, որ երկու բանտարկյալ լինեն այսպիսի փոքրիկ մի պլանտացիայում, որտեղ մարդիկ այնքա՜ն բարի ու լավն են։ Բանտարկյալը Ջիմն է։ Ինչ որ է, ես շատ ուրախ եմ, որ մենք դա իմացանք նման եղանակով։ Ուրիշ ոչ մի միջոց չէր օգնի։ Այժմ դու ուղեղդ լարիր և Ջիմին գողանալու մի հնար գտիր, մի հնար էլ ես կգտնեմ։ Կընդունենք այն, որը ավելի հարմար է։

Ւնչպիսի՜ գլուխ այդքան փոքր մի տղայի ուսերի վրա։ Եթե Թոմ Սոյերի գլուխն իմը լիներ, ես այն չէի փոխի ո՛չ դքսի աստիճանի, ո՛չ էլ շոգենավի նավապետի օգնականի, ո՛չ կրկեսի ծաղրածուի, ո՛չ էլ իմ իմացած որևէ այլ պաշտոնի հետ։ Ես սկսեցի մտածել, բայց հենց այնպես, պարապ չմնալու համար։ Շատ լավ գիտեի, թե որտեղից է գալու հարցի ճիշտ լուծումը։ Շուտով Թոմն ասաց․

― Պատրա՞ստ ես։

― Սյո, ― պատասխանեցի ես։

― Շատ լավ, ասա տեսնեմ։

― Իմ ծրագիրն այս է, ― ասացի ես, ― մենք կարող ենք հեշտությամբ իմանալ, թե բանտարկյալը Ջի՞մն է։ Այնուհետև վաղը գիշերով կնստենք մակույկս և կգնանք, լաստը դուրս կբերենք այս կողմը։ Ապա առաջին մութ գիշերին բանալին կգողանանք ծերունու շալվարի գրպանից, երբ նա քնած լինի, և Ջիմի հետ լաստով կիջնենք գետն ի վար։ Ցերեկը կթաքնվենք, գիշերը կշարունակենք ճանապարհը, ինչպես ես ու Ջիմն էինք անում։ Այդ ծրագիրը հարմա՞ր է։

― Հարմա՞ր։ Ինչո՞ւ չէ, հարմար է, ոնց որ առնետների կռիվը։ Բայց դա շատ հասարակ միջոց է, մեջը ոչինչ չկա։ Ի՞նչ արժե այն ծրագիրը, որը ոչ մի նեղություն չի պահանջում։ Ծծկեր երեխան էլ դա կկատարի։ Դա ավելի շատ աղմուկ չի առաջացնի, քան օճառի գործարան կողոպտելը։

Ես ոչինչ չասացի, որովհետև ուրիշ բան չէի սպասում։ Բայց շատ լավ գիտեի, որ նրա կազմած ծրագրի դեմ առարկել ավելորդ է։

Եվ, իսկապես, առարկելու բան չկար։ Նա բացատրեց իր ծրագիրը։ Վայրկենապես հասկացա, որ դա իմ կազմածից տասնհինգ անգամ լավ էր իր նորաձևությամբ և Ջիմին կազատեր, ինչպես իմ ծրագիրը, բայց այստեղ գուցե բոլորիս էլ սպանեին։ Ես գոհ էի և ասացի, որ պետք է գործի անցնեք։ Կարիք չկա այստեղ ասելու, թե ինչ էր նրա ծրագիրը։ Գիտեի, որ դա չէր մնալու այնպես, ինչպես կար։ Գիտեի, որ Թոմը դա անընդհատ կփոխեր, երբ գործի անցնեինք, և ամեն հարմար առիթով կընդարձակեր նոր խիզախություններով։ Այդպես էլ արեց։

Ինչ որ է, մի բան պարզ էր․ Թոմ Սոյերը լրջորեն էր կպել գործին և, իրոք, ուզում էր օգնել, որ գողանանք այդ նեգրին և ազատենք ստկությունից։

Դա ինձ համար անհասկանալի էր։ Ահա մի տղա, պատվավոր ընտանիքում մեծացած, որը վտանգի տակ էր դնում իր և իր հարազատների բարի անունը։ Ընդունակ էր, բանիմաց, տգետ չէր․ վատ թե լավ՝ սովորում էր, բարի էր, ուրեմն՝ հո դիտմամբ չէ՞ր անում։ Բայց ահա, խնդրեմ, մոռացության է տվել թե՛ հպարտություն, թե՛ ինքնասիրություն, մութ գործերի է խառնվում, նվաստանում և Ամերիկայով մեկ խայտառակում իրեն ու իր ընտանիքը։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ նրա վարմունքը։ Դա նախատելի գործ էր, և ես զգում էի, որ պարտավոր էի ուղղել այդ սխալը, զգուշացնել։ Թե չէ էլ ի՞նչ հավատարիմ բարեկամ։ Թող անմիջապես հրաժարվեր այդ մտքից, քանի դեռ ուշ չէր և փրկեր իրեն։ Եվ ես այդ մասին խոսք բացեցի, բայց նա ինձ ընդհատեց ասելով․

― Կարծում ես, չե՞մ հասկանում, թե ինչ եմ անում։ Մի՞թե ընդհանրապես չեմ գիտակցում արածս։

― Գիտակցում ես։

― Չասացի՞, թե կօգնեմ, որ գողանաս նեգրին։

― Ասացիր։

― Ուրեմն՝ լավ։

Ուրիշ ոչինչ։ Ես էլ ոչինչ չասացի։ Իմաստ չուներ․ երբ նա ասում էր, որ մի բան է անելու, անպայման անում էր։ Բայց ես չէի կարող հասկանալ, թե ինչպես էր համաձայնում խառնվել նման մի գործի։ Այլևս նրան չնեղացրի այդ առթիվ։ Եթե ինքն էր ուզում այդպես վարվել, ես ոչինչ չէի կարող անել։

Երբ հասանք տուն, ոչ մի լույս չէր երևում և ամեն ինչ խաղաղ էր։ Գնացինք դեպի մոխրակույտը՝ հյուղակը հետախուզելու։ Գնացինք բակով, որպեսզի տեսնենք, թե ի՛նչ կանեն շները։ Նրանք արդեն ճանաչում էին մեզ և ավելի մեծ աղմուկ չբարձրացրին, քան սովորաբար բարձրացնում են գյուղական շները, երբ գիշերը մոտերքով մարդ է անցնում։ Երբ հասանք հյուղակը, զննեցինք դիմացից և երկու կողմից։ Հյուսիսային կողմում, որը ես չէի տեսել, գտանք քառակուսի պատուհան՝ բավական բարձր, հաստ տախտակով մեխված։ Ես ասացի․

― Ահա ելքի ճանապարհը։ Այս անցքը այնքան մեծ է, որ Ջիմը կարող է դրանից դուրս գալ, եթե տախտակը հեռացնենք։

Թոմն ասաց․

― Դա նույնքան հեշտ միջոց է, որքան մանկական խաղը, դպրոցից փախչելը։ Հուսով եմ, որ մենք կգտնենք դրանից ավելի բարդ միջոց, Հեք Ֆինն։

Լավ, ― ասացի ես, ― իսկ եթե պատի մի անկյունը սղոցելով դուրս գա, ինչպես ես արեցի, երբ սպանված հայտարարվեցի․․․

― Դա որոշ չափով բանի նման է, ― ասաց նա, ― իսկապես խորհրդավոր է, տանջալի ու լավ, ― ասաց նա, ― բայց կարող ենք մի միջոց գտնել, որը կրկնակի երկարատև լինի։ Շտապելու կարիք չկա, դեռ նայենք մեր շուրջը։

Հյուղակի և ցանկապատի միջև, դրանց հետևում, կար հաստ տախտակներից պատրաստած մի շինություն, որի քիվերը հասնում էին հյուղակին։ Դա նույնքան երկար էր, որքան հյուղակը, բայց նեղ էր, ընդամենը վեց ոտնաչափ լայնություն ուներ։ Թոմը մոտեցավ օճառ եփելու կաթսային, նայեց շուրջը և գտավ երկաթի մի կտոր, որով բարձրացնում էին կաթսայի կափարիչը։ Նա այդ երկաթն օգտագործեց որպես լծակ և տեղահան արեց դռան սողնակալներից մեկը։ Շղթան ցած ընկավ, դուռը բացեցինք ներս մտանք, փակեցինք և լուցկի վառեցինք։ Շուտով նկատեցինք, որ այդ մարագը միանում է հյուղակին, բայց սրա հետ կապ չունի, հատակը հող է, և ոչինչ չկա այնտեղ, բացի գործածությունից ընկած, ժանգոտած քլունգներից ու բահերից և ծռմռված գութաններից։ Լուցկին հանգավ, և մենք էլ դուրս եկանք, նորից կարգի բերեցինք դուռը այնպես, որ թվում էր, թե առաջվա պես ամուր փակված է։ Թոմի տրամադրությունը բարձր էր։ Նա ասաց․

― Հիմա ամեն ինչ լավ է։ Մենք փորելով դուրս կբերենք նրան։ Դա կտևի մոտավորապես մեկ շաբաթ։

Այնուհետև եկանք տուն։ Ես ներս մտա ետևի դռնով (այստեղ դռները չեն կողպում․ բավական է միայն քաշել այծի կաշվից պատրաստած նիգաթելը)։ Բայց այդ ձևով ներս մտնելը Թոմ Սոյերի համար բավականաչափ խորհրդավոր չէր։ Ոչ մի միջոց չէր բավարարի նրան, բացի շանթարգելով վեր մագլցելուց։ Երեք անգամ բարձրացավ մինչև կեսը և սահեց ցած։ Վերջին անգամ քիչ մնաց գանգը ցրիվ տար։ Ուզեց ձեռ քաշել, բայց մի քիչ հանգստանալուց հետո նորից բախտը փորձեց և այս անգամ բարձրացավ։

Լուսաբացին մենք վեր կացանք ու իջանք նեգրերի տնակները։ Ուզում էինք, որ շները մեզ ընտելանան, և բարեկամանանք Ջիմին ուտելիք տանող նեգրի հետ (եթե իսկապես կերակրվողը Ջիմն էր)։ Նեգրերն արդեն վերջացրել էին նախաճաշը և պատրաստվում էին գնալ դաշտ։ Ջիմի նեգրը թիթեղյա մի տապակի մեջ դարսում էր հաց, միս և այլ ուտելիքներ։ Մինչ մյուսները գնում էին գործի, բանալին տնից բերեցին։

Այս նեգրը բարհամբույր, հիմարավուն դեմքով մարդ էր։ Մազերի փոքրիկ փնջերը կապված էին թելով։ Դրա նպատակն էր՝ կախարդներին հեռու պահել։ Նա ասում էր, որ կախարդները վերջին գիշերները սարսափելի նեղում են իրեն, ստիպում տեսնել ամեն տեսակի տարօրինակ բաներ, լսել ամեն տեսակի տարօրինակ խոսքեր և աղմուկ։ Պնդում էր, որ ինքը դեռևս այդքան երկարատև կախարդանք չի տեսել։ Նա այնպես տարվեց այդ մասին խոսելով ու իր ձախորդություններից պատմելով, որ բոլորովին մոռացավ, թե ինչի համար էր եկել։ Թոմն ասաց․

― Ինչի՞ համար են այդ ուտելիքները։ Շների՞ն ես տանում։

Նեգրը ժպտաց, և այդ ժպիտը տարածվեց ամբողջ դեմքի վրա։ Կարծես ջրի մեջ աղյուսի կտոր գցեցինք։

― Այո, միստր Սիդ, մի շան համար է, հետաքրքիր մի շան համար։ Ուզո՞ւմ եք ներս գալ, տեսնել նրան։

― Այո։

Ես կսմթեցի Թոմին ու շշնջացի․

― Օրը ցերեկով մտնում ես այնտեղ։ Չէ՞ որ ծրագրում այդ չկար։

― Ոչ, ծրագրում չկար, բայց հիմա ծրագիրն այդ է։

Էհ, ինչ արած, գնացինք, բայց դա ինձ շատ դուր չեկավ։ Ներս մտանք։ Այնպես մութ էր, որ համարյա ոչինչ չէր երևում։ Բայց Ջիմը, իհարկե, այնտեղ էր և կարող էր մեզ տեսնել։ Եվ նա գոչեց․

― Հե՜քը, բարի՜ աստված։ Սա էլ միստր Թոմն է։

Ես գիտեի, թե ինչ է լինելու։ Հենց այդ էլ սպասում էի։ Անելիքս մոռացա և եթե չմոռանայի էլ, ոչինչ չէի կարող անել, քանի որ այդ նեգրը մեջ ընկավ․

― Աստվա՜ծ իմ, մի՞թե նա ձեզ ճանաչում է։

Ուշադիր նայեցինք և ամեն ինչ պարզ տեսանք։ Թոմն աչքերը հառեց նեգրին և իբր զարմացած հարցրեց․

― Ո՞վ է մեզ ճանաչում։

― Ա՛յ, այս փախած նեգրը։

― Չեմ կարծում, թե նա մեզ ճանաչում է։ Այդ ի՞նչ փչեց խելքիդ։

― Ինչ փչե՞ց։ Հենց այս րոպեին գոչեց, թե ձեզ ճանաչում է։

Թոմը իբր թե ապշեց․

― Շատ հետաքրքիր է։ Ո՞վ գոչեց, ― ապա բոլորովին հանգիստ դիմեց ինձ, ― դու լսեցի՞ր, մեկնումեկը բան ասա՞ց։

Ես, իհարկե, միայն մի պատասխան պետք է տայի․

― Ոչ, ես ոչինչ չեմ լսել։

Ապա նա դարձավ Ջիմին, նայեց վերից վար, կարծես առաջին անգամ էր տեսնում․

― Դու մեզ ձայն տվեցի՞ր։

― Ոչ, սըր, ― պատասխանեց Ջիմը, ― ես ոչինչ չեմ ասել, սըր։

― Ոչ մի բա՞ռ։

― Ոչ, սըր, ոչ մի բառ չեմ ասել։

― Դու առաջ երբևէ մեզ տեսե՞լ ես։

― Ոչ, սըր, որքան գիտեմ, չեմ տեսել։

Թոմը շրջվեց մեզ հետ եկած ներգի կողմը։ Սա շվարեց, չռեց աչքերը։

― Ի՞նչ պատահեց քեզ։ Ի՞նչն ստիպեց քեզ մտածել, որ մեկը մեզ ձայն տվեց։

― Ա՜խ, նորից այդ անիծված կախարդները, սըր։ Մեռնեի, պրծնեի։ Շարունակ, դրանք, սըր․․․ Ինձ կսպանեն։ Այնպես են վախեցնում, որ քիչ է մնում մեռնեմ։ Խնդրում եմ, սըր, ոչինչ չասեք, թե չէ ծերունի միստր Սայլասը ինձ շատ կհանդիմանի։ Նա ասում է, թե դրանք կախարդներ չեն։ Աստված տար՝ նա հիմա այստեղ լիներ։ Այն ժամանակ կտեսնեիք, թե ինչ կասեր։ Այս անգամ ոչ մի կերպ չէի ժխտի։ Միշտ այդպես է․ չոր֊գլուխ մարդիկ չոր֊գլուխ էլ կմնան։ Դրանք ոչ մի բանի մեջ չեն խորանում, որ իմանան ճշմարտությունը, իսկ երբ դուք տեսնեք ու ասեք, չեն հավատա։

Թոմը նրան տասը ցենտ տվեց և հավատացրեց, որ մենք ոչ ոքի ոչինչ չենք ասի։ Պատվիրեց, որ էլի թել գնի ու մազերը կապի։ Ապա նայեց Ջիմին․

― Արդյոք քեռի Սայլասը չի՞ կախի այս նեգրին։ Եթե ես բռնեի փախուստի դիմած ապերախտ մի ներգի, չէի ների, կկախեի։

Մինչ մեզ ուղեկցող նեգրը դուրս եկավ՝ դռան առջև տասը ցենտանոցը զննելու և կծելու, որպեսզի իմանար իսկական է, թե կեղծ, Թոմը շշնջաց Ջիմի ականջին․

― Երբեք ցույց չտաս, թե ճանաչում ես մեզ։ Եթե գիշերը գետինը փորելու ձայն լսես, իմացիր, որ մենք ենք․ ուզում ենք քեզ ազատել։

Ջիմը հազիվ ժամանակ ունեցավ բռնելու մեր ձեռքերն ու սեղմելու։ Վերադարձավ մյուս նեգրը, և մենք ասացինք, որ եթե ցանկանում է, մի ուրիշ անգամ էլ կգանք։ Նեգրն ասաց, որ դեմ չի լինի, հատկապես երբ մութ է, որովհետև կախարդները մեծ մասամբ վրա են տալիս մութ ժամանակ։ Լավ կլինի, եթե իր հետ մարդիկ լինեն։


Գլուխ երեսունհինգերորդ

Մինչև նախաճաշը դեռ մի ժամ կար։ Դուրս եկանք անտառ։ Թոմն ասաց, որ մենք պետք է լուսավորող մի բան ունենանք, թե չէ չենք տեսնի, թե ինչպես ենք փորում։ Լապտերի լույսը պայծառ է․ կարող է մեզ մատնել։ Մեզ պետք էին փայտի փտած հաստ կտորներ, որ կոչվում էին աղվեսի կրակ և մութ տեղում աղոտ լույս են արձակում։ Մենք այդ փայտերից մի գիրկ բերինք, թաքցրինք եղեգների մեջ և նստեցինք հանգստանալու։ Թոմը մի տեսակ դժգոհ ասաց․

― Գրո՜ղը տանի։ Ամեն ինչ շատ հեշտ ու հանգիստ է ընթանում, և մարդ դժվարանում է մի կարգին ծրագիր կազմել։ Չկա պահակ, որ դեղերով քնեցնենք։ Իսկ պահակ պետք է լիներ։ Նույնիսկ շուն չկա, որ քնաբեր դեղ տանք։ Ջիմի միայն մեկ ոտքն է տասը ոտնաչափ շղթայով կապված մահճակալի ոտքից։ Մնում է միայն բարձրացնել մահճակաը, և շղթան սահելով ցած կընկնի։ Հորեղբայր Սայլասը բոլորին հավատում է, բանալին տալիս է այդ բթամիտ նեգրին և ոչ ոքի չի ուղարկում նրան հսկելու։ Ջիմը մինչև այժմ կարող էր պատուհանի ծակից փախչել, բայց անիմաստ կլիներ, եթե տասը ոտնաչափ երկարությամբ շղթան սրունքին՝ դուրս գար ճանապարհ։ Ուղղակի ձանձրալի է, Հեք։ Ես ավելի տխմար բան չեմ տեսել։ Ինքդ պետք է հնարես բոլոր դժվարությունները։ Ինչ որ է, ոչինչ անել չենք կարող։ Պետք է լավագույն ձևով օգտագործենք մեր ձեռքի տակ եղածը։ Այնուամենայնիվ, կա մի բան։ Ավելի պատվաբեր է նրան փրկել մի շարք դժվարություններից ու վտանգներից, երբ ոչ ոք մեզ համար չի ստեղծել այդ վտանգավոր պայմանները, և մենք ինքներս պետք է դրանք հնարենք, չնայած պարտավոր չենք։ Այ, թեկուզ լապտերը։ Եթե անկեղծ խոսենք, պետք է ձևացնենք, թե իբր լապտերը վտանգավոր է։ Բայց կարծում եմ՝ մենք կարող ենք ջահի լույսով մի ամբողջ հուղարկավորություն կատարել, եթե ուզենանք։ Ա՛յ, հանկարծ ինչ անցավ մտքովս․ առաջին հերթին պետք է այնպիսի մի բան փնտրենք, որից սղոց պատրաստենք։

― Իսկ մեր ինչի՞ն է պետք սղոցը։

― Սղո՞ցը։ Մի՞թե չպետք է սղոցենք Ջիմի մահճակալի ոտքը, որպեսզի շղթան թուլանա, դուրս գա։

― Ինչո՞ւ, հենց նոր ասացիր, թե կարելի է մահճակալի ոտքը բարձրացնել, և շղթան կսահի, դուրս կգա։

― Ասածդ շատ նման է քեզ, Հեք Ֆինն։ Դու միշտ կարող ես մանկապարտեզային ձևեր ընտրել։ Մի՞թե ոչ մի գիրք չես կարդացել, չե՞ս կարդացել բարոն Թրենքի մասին, կամ Կազանովայի, Բենվենուտո Չելինիի կամ Հենրի Չորրորդի մասին։ Այս հերոսների վերաբերյալ ոչինչ չգիտես։ Ո՞վ է լսել, որ բանտարկյալին ազատեն ինչ֊որ տնական հնացած ձևերով։ Ո՛չ, ամենահեղինակավոր մարդիկ փայտե մահճակալի ոտքը սղոցում, երկու մասի են բաժանում, կպցնում ու այդպես էլ թողնում են։ Թեփը կուլ են տալիս, որպեսզի հետք չմնա, սղոցած տեղին մի քիչ փոշի կամ ճարպ են քսում, որպեսզի ամենասրատես բանտապետն էլ սղոցելու ոչ մի հետք չնկատի և կարծի, թե մահճակալի ոտքն անվնաս է։ Այն գիշերը, երբ պատրաստ ես փախչելու, մի հարված կտաս ոտքին, դա մի կողմ կթռչի, շղթան ցած կընկնի, և վերջ։ Այնուհետև միայն մնում է, որ պարանե սանդուղքի ծայրը նետես ատամնավոր պատի ցցվածքին, սողաս ներքև, ոտքդ ջարդես, քանի որ պարանը տասնինը ոտնաչափ կարճ է։ Այնտեղ սպասում են ձիերդ ու հավատարիմ ծառաներդ։ Նրանք քեզ կբարձրացնեն թամբի վրա և կթռցնեն քո հայրենի Լանգեդոքը կամ Նավարրան, կամ ուր ուզում ես։ Հիանալի է, չէ՞, Հեք։ Որքա՜ն կուզենայի, որ այս հյուղակի մոտ խրամ լիներ։ Եթե փախուստի գիշերը ժամանակ ունենանք, խրամ էլ կփորենք։

Ես ասացի․

― Ինչների՞ս է պետք խրամը, երբ մենք Ջիմին դուրս ենք բերելու ստորերկրյա ճանապարհով։

Նա ինձ չէր լսում․ մոռացել էր և՛ ինձ, և՛ ամեն ինչ։ Նա, ծնոտը ձեռքերի մեջ առած, մտածում էր։ Շուտով հառաչեց ու շարժեց գլուխը։ Ապա նորից հառաչեց։

― Ոչ, դա հարմար չէ․ ոչ մի անհրաժեշտություն չկա։

― Ի՞նչ, ― հարցրի ես։

― Պետք է Ջիմի սրունքը սղոցել, ― ասաց նա։

― Տե՜ր աստված, ― ասացի ես, ― իհարկե, ի՞նչ կարիք կա։ Իսկ ինչո՞ւ էիր ուզում Ջիմի սրունքը սղոցել։

― Է՛հ, հեղինակավոր մարդկանցից մի քանիսն այդպիսի բան արել են։ Սրունքն ավելի լավ է։ Բայց մենք պետք է հրաժարվենք դրանից։ Այս դեպքում կարիք չկա։ Բացի այդ, Ջիմը նեգր է և չի կարող հասկանալ դրա պատճառները։ Դա ընդունված է Եվրոպայում, ուստի մենք պետք է հրաժարվենք։ Բայց կա մի բան․ նրա համար հնարավոր է պարանե սանդուղքը։ Կարող ենք պատռել մեր սավանները և նրա համար սանդուղք պատրաստել։ Դա դժվար չէ․ պարանը կարող ենք կարկանդակի մեջ դնել և ուղարկել նրան։ Մեծ մասամբ այդպես են անում։ Ես դրանից ավելի վատ կարկանդակ եմ կերել։

― Ինչե՜ր ես ասում, Թոմ Սոյեր, ― ասացի ես, ― Ջիմը պարանե սանդուղքի կարիք չունի։

― Ոչ, ունի։ Ավելի լավ է ասես, որ դու այդ մասին ոչինչ չգիտես։ Նրան պետք է պարանե սանդուղք։ Բոլորն էլ ունենում են։

― Իսկ դրանով ի՞նչ է անելու։

― Ինչ է անելո՞ւ։ Կարող է թաքցնել անկողնու մեջ, չի՞ կարող։ Բոլորն էլ այդպես են անում․ նա էլ պարտավոր է անել, Հեք։ Ինչպես տեսնում եմ, դու ոչ մի բան չես ուզում օրենքով անել, ուզում ես միշտ մի նոր բան սկսել։ Ասենք թե դա նրան պետք չէ, բայց չէ՞ որ դա կմնա նրա անկողնու մեջ որպես կծիկի ծայր, երբ նա արդեն փախած կլինի։ Չե՞ս ընդունում, որ մարդկանց պետք են փաստեր։ Իհարկե, պետք են։ Մի՞թե չես ուզում որևէ հետք թողնել։ Ինչի՞ նման կլինի։ Ես այդպիսի բան չեմ լսել։

― Լավ, ― ասացի, ― եթե կարգն այդ է, և նա պարտավոր է սանդուղք ունենալ, թող ունենա․ ես օրենքին հակառակ գնալ չեմ ուզում։ Բայց մի բան էլ կա, Թոմ Սոյեր։ Եթե պատառոտենք մեր սավանները և Ջիմի համար պարանե սանդուղք պատրաստենք, ապա մորաքույր Սալլին կաղմկի, և մենք անախորժությունների մեջ կընկնենք։ Դա պարզ է։ Իմ կարծիքով, ընկուզենու կեղևից պատրաստած սանդուղքն ավելի էժան կնստի, նույնքան հարմար է կարկանդակի մեջ մտցնել և ներքնակի մեջ պահել, որքան շորից պատրաստածը։ Ինչ վերաբերում է Ջիմին, նա փորձ չունի, նրա համար միևնույն է, թե ինչպիսին է․․․

― Ա՜խ, Հեք Ֆինն, եթե ես քեզ նման անտեղյակ լինեի գործին, ձայնս կկտրեի։ Ո՞վ է լսել, որ պետական բանտարկյալը ընկույզի կեղևից պատրաստած սանդուքով փախչի։ Ուղղակի ծիծաղելի է։

― Լավ, Թոմ, արա, ինչ գիտես, բայց եթե ինձ լսես, դրսում պարանից կախված սավաններից մեկը կվերցնենք։

Նա ասաց, որ դա վատ միտք չէ։ Մի նոր միտք էլ ծագեց նրա գլխում․

― Մի շապիկ էլ վերցրու։

― Ինչների՞ս է պետք շապիկը, Թոմ։

― Ջիմի համար, որպես օրագիր։

― Օրագիրը պահիր քո տատիկի համար․ Ջիմը գրել չգիտե։

― Թեկուզև գրել չգիտե, բայց կարող է նշաններ անել վրան։ Չի՞ կարող, եթե մենք մնացած անագի մի կտորից կամ տակառի մետաղե հին օղակից մի գրիչ պատրաստենք։

― Ինչո՞ւ, Թոմ, մենք կարող ենք սագի վրայից մի փետուր քաշել և ավելի լավը պատրաստել, ավելի շուտ։

― Բայց սագերը բանտի շուրջը չեն վազվզում, որպեսզի բանտարկյալները կարողանան փետուր քաշել, հիմա՛ր։ Նրանք իրենց գրիչները միշտ պատրաստում են ամենակարծր, ամենակոշտ արույրե մոմակալներից կամ ձեռքներն ընկած նման բաներից։ Անհրաժեշտ են շաբաթներ ու ամիսներ խարտոցելու, որովհետև դրանք պետք է խարտոցեն պատին քսելով։ Նրանք սագի փետուր չեն օգտագործում, նույնիսկ եթե ունենան էլ։ Դա ընդունված չէ։

― Լավ, իսկ թանա՞քը ինչից ենք պատրաստելու։

― Շատերը թանաք պատրաստում են երկաթի ժանգից ու արցունքներից, բայց դա շատ հասարակ ու կանացի միջոց է։ Օրինավոր բանտարկյալները իրենց արյունն են օգտագործում այդ նպատակի համար։ Ջիմը կարող է դա անել։ Երբ ցանկանա որևէ փոքրիկ, սովորական, խորհրդավոր պատգամ ուղարկել, որպեսզի աշխարհն իմանա, թե որտեղ է կալանված, կարող է պատառաքաղով գրել թիթեղյա ափսեի հատակին և պատուհանից դուրս նետել։ Երկաթե Դիմակը[25] միշտ այդպես է վարվել, և դա շատ լավ միջոց է։

― Ջիմը թիթեղյա ափսե չունի։ Նրա ճաշը տապակով են տանում։

― Ոչինչ, կարող ենք ճարել։

Ոչ ոք չի կարողանա կարդալ նրա գրածը։

― Դա ոչ մի նշանակություն չունի, Հեք Ֆինն։ Նրա գործը միայն ափսեի վրա գրելն ու դուրս նետելն է։ Ոչ ոք քեզ չի ստիպի կարդալ։ Դու ափսեի կամ որևէ այլ բանի վրա բանտարկյալի գրածի կեսն էլ չես կարող կարդալ։

― Լավ, էլ ի՞նչ միտք ունի ափսեները փչացնել։

― Է՛հ, ինչե՜ր ես ասում, չէ՞ որ դրանք կալանավորի ափսեներ չեն։

― Բայց որևէ մեկին պատկանում են, այնպես չէ՞։

― Լավ, ասենք թե պատկանում են։ Բանտարկյալի ի՞նչ պետքն է։

Այստեղ նա վերջացրեց խոսքը, որովհետև մենք լսեցինք նախաճաշ ազդարարող եղջերափողի ձայնը և գնացինք տուն։

Այդ առավոտյան ես մի սավան ու մի շապիկ թռցրի լվացքի պարանի վրայից, մի հին տոպրակ գտա, դրանք դրեցի մեջը, իջա ներքև, հավաքեցի փտած փայտը և նույնպես դրեցի տոպրակի մեջ։ Ես դա համարեցի «փոխ վերցրած», որովհետև հայրս ամեն մի թռցրած բանին այդ անունն էր տալիս, բայց Թոմն ասում էր, թե դա փոխ վերցնել չէ, այլ գողություն է։ Նա ասաց, որ դա բանտարկյալների համար է, իսկ բանտարկյալների հոգը չէ, թե ինչ միջոցներով են դա ձեռք բերում, միայն թե ձեռք բերեն, և ոչ ոք դրա համար նրանց չի մեղադրում։ Ասաց, որ բանտարկյալի համար հանցանք չէ իր փախուստի համար անհրաժեշտ բաներ գողանալը․ դա նրա իրավունքն է։ Ուրեմն՝ մենք մեր բանտարկյալի համար լիակատար իրավունք ունենք գողանալ այն ամենը, ինչ նվազագույն չափով կօգնի մեզ, որ Ջիմին բանտից դուրս բերենք։ Նա ասաց, որ եթե մենք բանտարկյալներ չլինեինք, բոլորովին այլ բան կլիներ։ Ոչ ոք, բացի ստոր, կեղտոտ մարդուց, ոչինչ չի գողանա, եթե բանտարկյալ չէ։ Ուստի մենք մեզ թույլ տվեցինք գողություն անել։ Սակայն դրանից հետո, մի անգամ նա մեծ աղմուկ բարձրացրեց, երբ ես նեգրի հողամասից մի ձմերուկ գողացա և կերա։ Նա ինձ ստիպեց գնալ և նեգրին տալ տասը ցենտ, առանց ասելու, թե ինչու։ Թոմի կարծիքով, մենք կարող էինք գողանալ միայն այն, ինչ իսկապես մեզ անհրաժեշտ է։ «Լավ, ― ասացի ես, ― ձմերուկն ինձ անհրաժեշտ է»։ Բայց նա ասաց, որ բանտից դուրս գալու համար դա անհրաժեշտ չէ։ Ահա թե ինչ։ Նա ասաց, որ եթե ես ձմերուկն ուզում էի, որպեսզի մեջը դանակ թաքցնեմ և գաղտնի այն հասցնեմ Ջիմին, և նա դրանով բանտապահին սպանի, դա ուրիշ բան կլինի։ Ես այլևս չառարկեցի, թեև մի բան չէի կարողանում հասկանալ․ բանտարկյալին ի՞նչ օգուտ, եթե ամեն անգամ ձմերուկ գողանալիս ես նստեմ ու մտածեմ նման բազմաթիվ նրբությունների մասին։

Ինչպես ասացի, այդ առավոտ մենք սպասեցինք, մինչև բոլորը գնացին իրենց գործին։ Բակում ոչ ոք չէր երևում։ Այնուհետև Թոմը տոպրակը տարավ հյուղակին կից մարագը, իսկ ես որոշ ժամանակ քիչ հեռուն կանգնած՝ հսկում էի։ Շուտով նա դուրս եկավ, և մենք գնացինք, նստեցինք գերանների վրա՝ խոսելու։ Նա ասաց․

― Ամեն ինչ այժմ պատրաստ է, բացի գործիքներից, իսկ դրանք ճարելը դժվար չէ։

― Գործիքնե՞ր, ― ասացի ես։

― Այո։

― Ինչի՞ համար են գործիքները։

― Ինչի համա՞ր․ փորելու։ Մենք ատամներո՞վ ենք նրա ճանապարհը բացելու։

― Մի՞թե հին, ջարդված քլունգներ և այլ գործիքներ չկան, որոնք պիտանի լինեն մի նեգրի ճանապարհը բացելու համար, ― ասացի ես։

Նա դարձավ դեպի ինձ, այնպիսի մի ցավակցական հայացք գցելով վրաս, որ քիչ էր մնում՝ լաց լինեի։

― Հե՛ք Ֆինն, դու երբևէ լսե՞լ ես, որ բանտարկյալը քլունգ, բահ, ժամանակակից ուրիշ հարմարանքներ ունենա հող փորելու և դուրս գալու համար։ Ուզում եմ հարցնել, եթե խելքդ մի բան կտրում է․ էլ ինչպե՞ս նա կարող է փառք վաստակել։ Գուցե ավելի լավ կլիներ, եթե նրան բանալի տային և դրանով հաշիվը փակվեր։ Քլո՜ւնգ, բա՜հ։ Նման բաներ թագավորներին էլ չեն տալիս։

― Լավ, եթե բահ ու քլունգ չենք ուզում, էլ ի՞նչ է մեր ուզածը։

― Երկու փոքրիկ դանակ։

― Որոնցով հյուղակի հիմքը փորի ու դո՞ւրս գա։

― Այո։

― Գժվե՞լ ես, ի՞նչ է, Թոմ․ հիմար բան ես ասում։

― Կարևոր չէ՝ հիմար բան է, թե ոչ, բայց կարգն այդ է։ Որքան լսել եմ, ուրիշ ճանապարհ չկա, և ես կարդացել եմ այն բոլոր գրքերը, որոնք շատ թե քիչ տեղեկություններ են տալիս այս բաների մասին։ Միշտ դանակով են փորում և այն էլ ոչ փափուկ հող։ Սովորաբար ժայռեր են փորում։ Շաբաթներ են անցնում, բայց նրանք փորում են, փորում։ Դրա օրինակն է Մարսելի Դիֆ ամրոցի զնդանի հատակին ընկած բանտարկյալներից մեկը, որը փորելով է բացել իր ճանապարհը։ Ի՞նչ ես կարծում, որքան ժամանակ է փորել։

― Չգիտեմ։

― Գուշակիր։

― Չգիտեմ․․․ մի ամիս, մի ամիս ու կես։

― Երեսունյոթ տարի, և նա դուրս է եկել Չինաստանում։ Ա՛յ, իսկականն այդ է։ Լավ կլիներ, որ մեր այս բանտի հատակն էլ պինդ ժայռ լիներ։

― Բայց Ջիմը Չինաստանում ոչ ոքի չի ճանաչում։

― Դա ի՞նչ կապ ունի դրա հետ։ Այդ մարդն էլ ոչ ոքի չէր ճանաչում։ Դու միշտ գործից շեղվում ես։ Ինչո՞ւ չես կարող հիմնական հարցին կպչել։

― Լավ, ինձ համար նշանակություն չունի, թե նա որտեղ դուրս կգա, ոչ էլ, կարծում եմ, Ջիմի համար նշանակություն ունի։ Սակայն այսպես թե այնպես, կա մի բան․ Ջիմը ծեր է և փոքրիկ դանակով փորելով դուրս չի գա․ այդքան երկար չի ապրի։

― Ո՛չ, կապրի։ Մի՞թե դու կարծում ես, թե այստեղ երեսունյոթ տարի է պետք, երբ այս հյուղակի հիմքը հող է։

― Որքա՞ն կտևի, Թոմ։

― Դեհ, մենք չենք կարող այնքան երկար գործել, որքան պարտավոր ենք, որովհետև հորեղբայր Սայլասը շուտով կարող է Օռլենաից Ջիմի մասին ծանուցագիր ստանալ։ Կիմանա, որ Ջիմն այնտեղից չէ։ Այնուհետև նրա հաջորդ քայլը կլինի Ջիմի մասին հայտարարություն տալ կամ նման մի բան անել։ Մենք չենք կարող այդքան երկար ժամանակ փորելու վտանգին ենթարկվել։ Օրենքով պետք է երկու տարի փորեր, բայց այդքան սպասել չենք կարող․ դրությունն անչափ անորոշ է։ Իմ խորհուրդն այս է։ Հնարավորության չափ արագ կփորենք, բայց կհաշվենք, թե երեսունյոթ տարի ենք փորել։ Ապա կարող ենք դուրս բերել նրան ու փախցնել, հենց որ տագնապի առաջին ազդանշանը լսենք։ Իմ կարծիքով լավագույն միջոցը դա է։

Այժմ ասածդ բանի նման է, ― ասացի ես, ― երևակայելն ի՞նչ է մեզ համար։ Դա ոչ մի նեղություն էլ չէ։ Եթե պետք է, ես կարող եմ երևակայել, թե հարյուր հիսուն տարի ենք փորել։ Դա ինձ համար դժվար չէ, երբ արդեն սկսել եմ այդ աշխատանքը։ Հիմա կգնամ, երկու փոքրիկ դանակ կճարեմ։

― Երեք հատ ճարիր, ― ասաց նա, ― մեկն էլ պետք է՝ սղոց շինելու համար։

― Թոմ, ― ասացի ես, ― եթե կանոնին և կրոնին հակառակ չէ, ես կառաջարկեմ ապխտանոցի ետևում, ծածկի տակ ընկած ժանգոտած սղոցի շեղբը։

Նա նայեց մի տեսակ վշտացած, հուսախաբ հայացքով և ասաց․

― Իզուր է, դու ոչ մի կարգին բան չես սովորի, Հեք։ Վազիր և ճարիր դանակները, երեք հատ։

Ես վազեցի կատարելու նրա հանձնարարությունը։


Գլուխ երեսունվեցերորդ

Այդ գիշեր հենց որ բոլորը քնեցին, մենք ցած իջանք շանթարգելով և փակվեցինք մարագում։ Պարկից հանեցինք փտած փայտը և գործի անցանք։ Մեր ճանապարհը ներքևի գերանի երկարությամբ չորս֊հինգ ոտնաչափ ամեն ինչից մաքրեցինք։ Թոմն ասաց, որ այժմ ուղղակի գտնվում ենք Ջիմի մահճակալի տակ և հենց նրա տակ էլ կխրամատավորվենք։ Երբ վերջացնենք, հյուղակում ոչ ոք չի իմանա, թե այնտեղ որևէ անցք կա, որովհետև Ջիմի վերմակը կախվում է մինչև գետինը, և անցքը տեսնելու համար պետք է այն վեր բարձրացնել։ Շարունակեցինք դանակներով փորել մինչև գրեթե կեսգիշեր։ Արդեն շան նման հոգնել էինք, մեր ձեռքերին առաջացել էին բշտիկներ, բայց դեռ չէր երևում, թե որևէ բան ենք արել։ Վերջապես ես ասացի․

― Սա ոչ թե երեսունյոթ տարվա, այլ երեսունութ տարվա գործ է, Թոմ Սոյեր։

Նա ոչինչ չասաց, խորը հառաչեց և շուտով դադարեց փորելուց։ Ես նկատեցի, որ երկար ժամանակ մտածում է։ Հետո թե․

― Իզուր է, Հեք, բան դուրս չի գա։ Եթե բանտարկյալները մենք լինեինք, գլուխ կգար, որովհետև այդ դեպքում մենք մեր տրամադրության տակ կունենայինք այնքան տարիներ, որքան ուզենայինք։ Շտապելու կարիք չէր լինի և մենք օրական մի քանի րոպե կաշխատեինք պահակների հերթափոխության ժամանակ։ Մեր ձեռքերին էլ բշտիկներ չէին առաջանա։ Կփորեինք տարիներով, և ամեն ինչ կլիներ ճիշտ այնպես, ինչպես հարկն է։ Բայց մենք չենք կարող հիմարաբար ժամանակը վատնել․ պարտավոր ենք շտապել։ Եթե մի գիշեր էլ այսպես աշխատենք, ստիպված կլինենք մի շաբաթ դադար տալ, որպեսզի մեր ձեռքերը լավանան։ Ավելի շուտ դանակ բռնել չենք կարողանա։

― Լավ, ուրեմն ի՞նչ անենք, Թոմ։

― Ասեմ, թե ինչ։ Սա ճիշտ չէ և դեմ է բարոյականությանը։ Չէի ցանկանա, որ այս բանն իմացվեր, բայց ուրիշ ճանապարհ չկա։ Մենք ստիպված կլինենք քլունգներով փորել և կերևակայենք, թե դրանք մեծ դանակներ են։

― Ա՜յ, ինչ եմ ասե՜լ, ― գոչեցի ես, ― քո գլուխն ավելի ու ավելի լավ է աշխատում, Թոմ Սոյեր։ Բարոյականության դեմ է թե ոչ, իսկականը գլունգն է։ Ինչ վերաբերում է ինձ, ես այդ բարոյականությանը ոչ մի նշանակություն չեմ տա։ Երբ ես սկսում եմ նեգր գողանալ, կամ մի ձմերուկ կամ կիրակնօրյա դպրոցի մի գիրք, ինձ համար առանձնապես հետաքրքիր չէ, թե դա ինչպես է կատարվում։ Միայն թե կատարվի։ Իմ ուզածն իմ նեգրն է, ձմերուկը, կիրակնօրյա դպրոցի գիրքը։ Եվ եթե քլունգն ամենաձեռնտու բանն է, ապա դրանով էլ կփորեմ, դուրս կբերեմ իմ նեգրին կամ ձմերուկը կամ կիրակնօրյա դպրոցի գիրքը։ Ինձ համար մի սատկած առնետի չափ էլ արժեք չունի, թե հեղինակավոր մարդիկ ինչ կմտածեն։

― Լավ, ― ասաց նա, ― այս գործում կարելի էր արդարացնել նաև քլունգը և երևակայել որևէ այլ բան։ Եթե դա այդպես չլիներ, ես չէի համաձայնի, ոչ էլ մի կողմ կկագնեի ու կդիտեի կանոնի խախտումը, որովհետև ճիշտը ճիշտ է, սխալը սխալ, և ոչ ոք իրավունք չունի սխալ գործելու, եթե նա անգիտակ մարդ չէ և գործը լավ է հասկանում։ Կարող էր քեզ համար հարմար լինել և քլունգով փորել, դուրս բերել Ջիմին, առանց որևէ բան երևակայելու, որովհետև դու այդ բանը չես հասկանում։ Իսկ ինձ չի կարելի, որովհետև ես գիտեմ՝ ինչն է ճիշտ։ Ինձ մի դանակ տուր։

Նրա դանակն իր մոտ էր, բայց, այնուամենայնիվ, ես իմը տվի։ Նա դանակը շպրտեց գետին ու ասաց․

― Դանա՛կ տուր։

Սկզբում չգիտեի, թե ինչ անեմ, բայց հետո գլխի ընկա։ Հին գործիքները դես֊դեն շուռ տալով, մի քլունգ ճարեցի ու տվի։ Նա վերցրեց ու գործի անցավ՝ առանց մի բառ ասելու։

Նա ուրի՜շ տղա էր։ Ես էլ մի բահ վերցրի, փորեցինք ու հողը դուրս թափեցինք։ Հողի կտորները դես֊դեն էին թռչում։ Այդպես աշխատեցինք մոտ կես ժամ։ Ավելի երկար աշխատել չէինք կարող։ Բայց անցքի զգալի մասն արդեն փորված էր։ Երբ բարձրացա սենյակ, պատուհանից նայեցի Թոմին։ Նա ամեն ճիգ գործադրում էր շանթարգելով բարձրանալու համար, բայց չէր կարողանում․ ձեռքերը բշտիկներից ցավում էին։ Վերջապես ասաց․

― Իզուր է, հնարավոր չէ բարձրանալ։ Քո կարծիքով, ի՞նչ անեմ, որ ավելի լավ լինի, Հեք։ Չե՞ս կարող մի ուրիշ միջոց հնարել։

― Կարող եմ, բայց դա կանոնին հակառակ կլինի։ Աստիճաններով բարձրացիր և երևակայիր, թե դա շանթարգել է։

Եվ նա այդպես էլ արեց։

Հաջորդ օրը Թոմը տնից գողացավ անագե մի գդալ և արույրե մի մոմակալ, որպեսզի Ջիմի համար գրիչներ պատրաստի։ Գողացավ նաև վեց մոմ։ Ես էլ, պտտվելով նեգրերի հյուղակների շուրջը և, հարմար առիթից օգտվելով, թռցրի անագե երեք ափսե։ Թոմն ասաց, որ դա բավական չէ, բայց ես առարկեցի․ ոչ ոք չի տեսնի Ջիմի դուրս նետած ափսեները։ Դրանք կընկնեն պատուհանի տակի վայրի խոտերի ու եղինջների մեջ, մենք էլ կվերցնենք ու կվերադարձնենք, և նա նորից կարող է գրել։ Թոմը գոհ էր իմ բացատրությունից և ասաց․

― Այժմ մնում է մի բան․ այս իրերն ինչպե՞ս հասցնենք Ջիմին։

― Անցքից կտանք, երբ այն լրիվ բացված կլինի, ― ասացի ես։

Նա արհամարհական հայացքով նայեց ինձ և ասաց, որ ոչ ոք երևի նման հիմար միտք հայտնած չէր լինի, ապա շարունակեց մտածել։ Շուտով ասաց, որ ինքը երկու֊երեք միջոց է գտել, բայց դեռ կարիք չկա որոշելու, թե որի՛ վրա պետք է կանգ առնել։ Ասաց, որ մենք պետք է նախ Ջիմին տեղեկացնենք այդ մասին։

Այդ երեկո շանթարգելով ցած իջանք։ Ժամը ութն անց էր։ Մեզ հետ վերցրինք մոմերից մեկը։ Պատուհանի տակ ականջ դրինք և լսեցինք Ջիմի խռմփոցը։ Մոմը պատուհանից ներս գցեցինք, բայց Ջիմը չարթնացավ։ Եռանդով գործի դրինք քլունգն ու բահը։ Մոտ երկու և կես ժամում գործն ավարտված էր։ Սողալով հասանք Ջիմի մահճակալի տակ, մտանք հյուղակը, շոշափեցինք մեր շուրջը, գտանք մոմը, վառեցինք և մի պահ կանգնեցինք Ջիմի գլխավերևում։ Նա առողջ տեսք ուներ։ Զգուշությամբ ու աստիճանաբար արթնացրինք։ Նա այնքան ուրախացավ, երբ մեզ տեսավ, որ քիչ մնաց՝ լաց լինի։ Մեզ անվանեց «անուշիկներ» և շատ ուրիշ փաղաքշական բառեր մրմնջաց։ Խնդրեց, որ անմիջապես կտրենք ոտքի շղթան ու առանց ժամանակ կորցնելու փախչենք։ Բայց Թոմը բացատրեց, որ դա կանոնին հակառակ կլիներ, և նստեց նրա կողքին ու պատմեց մեր ծրագրերի մասին։ Ասաց, որ հանկարծ կարող ենք փոխել մեր ծրագրերը, երբ տագնապի նշաններ երևան, և որ վախենալու կարիք չկա․ մենք անպայման նրան կազատենք։ Ջիմը համաձայնեց և մենք նստեցինք այնտեղ ու մի քիչ խոսեցինք անցյալից։ Հետո Թոմը մի շարք հարցեր տվեց։ Երբ Ջիմն ասաց, որ հորեղբայր Սայլասը երկու օրը մեկ գալիս է իր հետ աղոթելու, մորաքույր Սալլին էլ գալիս է տեսնելու, թե կալանավորն ինչպես է զգում իրեն, բավարար սնունդ տալի՞ս են, թե՞ ոչ։ Ամուսինները երկուսն էլ շատ բարի են։

Թոմն ասաց․

― Այժմ գիտեմ, թե ինչպես է այդ գործը գլուխ գալու։ Մենք քեզ որոշ բաներ նրանց միջոցով կուղարկենք։

Ես առարկեցի․

― Այդպիսի բան չանես։ Ես ավելի ապուշ բան չեմ պատկերացնում։

Բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց և շարունակեց իր խոսակցությունը։ Նա միշտ այդպես էր, երբ մի բան էր ծրագրում։

Թոմը Ջիմին պատմեց, թե ինչպես մենք կերակրող նեգր Նաթի միջոցով պարանե սանդուղք և ուրիշ բաներ կհասցնենք իրեն՝ կարկանդակի մեջ դրած։ Ինքը պետք է զգույշ լինի, հանկարծակիի չգա և այնպես անի, որ բացելիս Նաթը ոչինչ չնկատի, իսկ փոքր բաները կդնենք հորեղբոր բաճկոնակի գրպանները։ Ինքը՝ Ջիմը պետք է դրանք ծածուկ դուրս բերի գրպաններից։ Որոշ բաներ էլ կկապենք մորաքույր Սալիի գոգնոցի թելերից կամ կդնենք գոգնոցի գրպանը, եթե հարմար առիթ լինի։ Թոմն ասաց, թե ինչ կուղարկի և ինչի համար են դրանք, թե ինչպես է օրագիր պահելու՝ իր արյամբ շապկի վրա գրելով։ Նա ամեն ինչ ասաց։ Ջիմը չէր հասկանում, թե ինչ նպատակ ունի այդ ամենը, բայց ընդունում էձ, որ մենք, լինելով սպիտակամորթներ, իրենից լավ ենք հասկանում։ Գոհ մնաց և խոստացավ, որ այդ ամենը կկատարի այնպես, ինչպես Թոմն է պատվիրել։

Ջիմը ծխախոտ շատ ուներ, ինչպես նաև եգիպտացորենի ցողունից պատրաստած ծխամորճեր։ Լավ ժամանակ անցկացրինք։ Ապա սողալով դուրս եկանք անցքից ու գնացինք քնելու։ Մեր ձեռքերի կաշին կարծես պոկված լիներ։ Թոմի տրամադրությունը բարձր էր։ Նա ասաց, որ դա իր կյանքի ամենազվարճալի և ամենախելացի իրադարձությունն է։ Եթե իմանար, թե բանն ինչով կվերջանա, մեր ամբողջ կյանքում կշարունակեինք այդ խաղը և կթողնեինք, որ մեր երեխաները Ջիմին ազատեն։ Թոմը հավատացած էր, որ Ջիմը որքան ընտելանար իր վիճակին, այնքան դա դուր կգար նրան։ Թոմն ասաց, որ այդ ձևով դա կձգձգվեր մինչև ութսուն տարի։ Դա ռեկորդային ժամկետ կլիներ, և մեզ կփառաբանեին որպես այդ գործի մասնակիցների։

Առավոտյան գնացինք փայտի դեզի մոտ և կտրատեցինք, մաս֊մաս արեցինք արույրե մոմակալը։ Թոմն այդ կտորներն ու անագե գդալն իր գրպանը դրեց։ Ապա գնացինք դեպի նեգրերի հյուղակները, և մինչ ես Նաթի ուշադրությունը կգրավեի իմ կողմը, Թոմը մոմակալի մի կտորը խրեց Ջիմին ուղարկվող հացի մեջ, և մենք Նաթի հետ գնացինք Ջիմի մոտ՝ տեսնելու, թե ինչ դուրս կգա։ Արդյունքը հիանալի էր։ Երբ Ջիմը կծեց հացը, քիչ էր մնում ատամը ջարդի։ Ոչ մի բան ավելի լավ նպատակին հասած չէր լինի, ինչպես ասաց Թոմը։ Ջիմի դեմքը ոչինչ չարտահայտեց։ Նա միայն ասաց, որ ինչ֊որ քարի կտոր կամ նման մի բան պետք է լինի։ Դե, հացի մեջ միշտ այդպիսի բաներ լինում են։ Այնուհետև ոչ մի բան բերանը չէր տանում, մինչև պատառաքաղը երեք֊չորս տեղից չէր խրում։

Մինչ մենք կանգնած էինք աղոտ լույսի տակ, Ջիմի մահճակալի տակից դուրս թռան երկու շուն, և հետզհետե դրանց թիվը շատացավ, հասավ տասնմեկի։ Խցիկում շունչ քաշելու տեղ չմնաց։ Աստվա՜ծ իմ, մոռացել էինք կողքի մարագի դուռը փակել։ Նեգր Նաթը միայն մի անգամ գոռաց․ «կախարդները», վայր ընկավ հատակին, շների մեջ ու սկսեց այնպես տնքալ, կարծես մեռնում էր։ Թոմը բաց արեց դուռը, Ջիմին բերած մսից մի կտոր դուրս նետեց, և շները վազեցին մսի վրա։ Վայրեկենապես ինքն էլ դուրս եկավ, ապա վերադարձավ ու փակեց դուռը։ Կարծում եմ, որ նա փակած կլիներ նաև կողքի սենյակի դուռը։ Թոմն օգնության հասավ ընկած նեգրին, շողոքորթելով ու շոյելով հարցրեց, թե ուրիշ բան էլ երևացե՞լ է աչքին։ Նեգրը վեր կացավ, թարթեց աչքերը, նայեց շուրջը ու ասաց․

― Միստր Սիդ, հիմա կասեք, թե ես հիմար եմ, բայց եթե աչքովս չեմ տեսել մեկ միլիոն շուն կամ սատանաներ կամ չգիտեմ թե ինչ, հենց այստեղ թող վայր ընկնեմ, մեռնեմ։ Աստված վկա, միստր Սիդ, տեսա, զգացի, սըր․ բոլորն ինձ վրա էին գալիս։ Ա՜խ, թե մեկը ձեռքս ընկներ, մի կախարդ, թեկուզ մի անգամ, այն ժամանակ ցույց կտայի։ Բայց ամենալավն այն կլիներ, որ դրանք ինձ հանգիստ թողնեն, ուրիշ բան չէի ուզի։

Թոմն ասաց․

― Լավ, ասեմ, թե ես ինչ եմ մտածում։ Ի՞նչն է ստիպում նրանց գալ այստեղ, այս փախած նեգրի հենց նախաճաշի ժամանակ։ Պատճառը պարզ է․ սոված են։ Դու պետք է կախարդված կարկանդակ պատրաստես նրանց համար, ուրիշ ոչինչ պետք չէ։

― Բայց աստվա՜ծ իմ, միստր Սիդ, ինչպե՞ս պատրաստեմ կախարդված կարկանդակ․ չգիտեմ ինչպես թխեմ։ Այդպիսի կարկանդակի մասին չեմ լսել։

― Լավ, այդ դեպքում ես ստիպված եմ ինքս պատրաստել։

― Կանե՞ս, անուշիկս, կանե՞ս։ Ես քո ոտքերի տակի հողը կհամբուրեմ։

― Շատ լավ, կանեմ, քեզ համար․ դու բարի ես եղել մեր նկատմամբ, մեզ ցույց ես տվել փախած նեգրին։ Բայց պետք է շատ զգույշ լինես։ Երբ մենք այստեղ գանք, դու թիկունքդ դարձրու մեզ և ինչ֊որ դնենք Ջիմի տապակի մեջ, չնայես։ Երբ Ջիմը դատարկի տապակը, նույնպես չնայես, թե չէ ո՞վ գիտե, թե ինչ կարող է պատահել։ Իսկ ամենակարևորն այն է, որ կախարդված բաներին ձեռք չտաս։

― Ձեռք տա՜լ, միստր Սիդ։ Ինչե՞ր եք ասում․ մատս էլ չեմ դիպցնի, թեկուզ հարյուր, հազար, միլիարդ դոլար տան։


Գլուխ երեսունյոթերորդ

Գործը գլուխ եկավ։ Մենք դուրս եկանք, գնացինք դեպի բակի ետևում դիզված աղբակույտը, ուր նետում էին կոշիկներ, ցնցոտիներ, շշի կտորներ և թիթեղյա հնացած, մաշված իրեր ու նման բաներ։ Դես֊դեն ընկանք, գտանք թիթեղյա մի հին թաս և ինչքան կարող էինք անցքերը փակեցինք, որպեսզի դրա մեջ կարկանդակ եփենք։ Թասը տարանք մառան, լցրիք ալյուրով ու գնացինք նախաճաշի։ Ճանապարհին երկու մեխ գտանք, և Թոմն ասաց, որ դրանք բանտարկյալին պետք կգան։ Դրանով նա իր անունը կփորագրի բանտի պատերին և կգրի իր տանջանքների մասին։ Եվ մենք դրանից մեկը գցեցինք մորաքույր Սալլիի՝ աթոռին գցած գոգնոցի գրպանը, մյուսն էլ ամրացրինք հորեղբայր Սայլասի՝ սեղանին դրված գլխարկի ժապավենի վրա։ Երեխաներից լսել էինք, որ ամուսիններն այս առավոտ գնալու են փախած նեգրի մոտ։ Այնուհետև գնացինք նախաճաշի։ Թոմն անագի գդալը գցեց հորեղբայր Սայլասի գրպանը։ Մորաքույր Սալլին դեռ չէր եկել, և մենք ստիպված եղանք մի փոքր սպասել։

Սալլին եկավ կարմրած, բարկացած ու վրդովված։ Չէր կարողանում համբերել մինչև սեղանի բարեմաղթումը։ Մի ձեռքով սուրճ էր լցնում, իսկ մյուս ձեռքի մատներով անընդհատ դմբացնում էր ամենամոտիկ երեխայի գլխին։ Հետո էլ թե․

― Ես նայեցի վեր, վար, և զարմանալի է, թե ի՛նչ եղավ քո մյուս շապիկը։

Սիրտս կուչ եկավ։ Եգիպտացորենի հացի կողինձը կուլ տալիս հազացի, և այն դուրս թռավ, անցավ սենյակի վրայով ու ընկավ երեխաներից մեկի աչքը։ Երեխան կծկվեց, ինչպես որդը ձկնորսի կարթի վրա, և բարձրացրեց ահավոր մի վայնասուն։ Թոմն էլ կապտել էր, ինչպես ձկան խռիկի շուրջը։ Մեր դրությունը մոտավորապես քառորդ րոպե աննախանձելի էր։ Բայց դրանից հետո ամեն ինչ խաղաղվեց։ Անսպասելիությունից էր, որ այդպես ցնցվեցին։ Հորեղբայր Սայլասն ասաց․

― Զարմանալի է, ոչինչ չեմ հասկանում։ Շատ լավ հիշում եմ․ շապիկս հանեցի, որովհետև․․․

― Որովհետև դու միայն մեկ շապիկ ես հագնում։ Ես գիտեմ, որ հանեցիր և ավելի լավ գիտեմ, քան դու, ցրվա՛ծ։ Երեկ շապիկդ չորանում էր պարանի վրա, ինքս եմ տեսել։ Բայց այժմ չկա ու վերջ։ Պետք է հագնես կարմիր ֆլանելե շապիկը, մինչև ես ժամանակ ունենամ մի նորը կարելու։ Դա երրորդը կլինի այս երկու տարում։ Ինչպիսի՜ ջանքեր են հարկավոր, որպեսզի դու վրադ միշտ շապիկ ունենաս։ Չեմ հասկանում, թե ինչ ես անում շապիկները։ Այդ տարիքում մարդ պիտի որոշ չափով խնայի իր սպիտակեղենը։

― Գիտեմ, Սալլի։ Կարողացածիս չափ խնայում եմ։ Բայց դա չի կարող միայն իմ մեղքը լինել։ Դու գիտես, որ ես շապիկները տեսնում եմ, երբ հագիս են լինում, և չեմ կարծում, թե շորը վրայիցս թռչում, կորչում է։

― Այո, այս անգամ դու մեղավոր չես, Սայլաս, բայց կկորցնեիր, եթե կարողանայիր։ Գիտես, որ մենակ շապիկը չի կորել։ Մի գդալ էլ չկա, և բանը դրանով էլ չի վերջանում։ Տասը գդալ կար, և մնացել է ինը։ Ասենք թե շապիկը հորթն է տարել, բայց հորթը գդալ չի տանի։ Այդ մասին կասկած լինել չի կարող։

― Էլ ի՞նչ է կորել, Սալլի։

― Վեց մոմ, այ թե ինչ։ Առնետները կարող են տարած լինել և, հավանաբար, նրանք էլ տարել են։ Զարմանում եմ, որ ամբողջ տունը չեն տանում։ Դու միշտ խոստանում ես փակել դրանց բները, բայց չես փակում։ Եթե առնետները հիմար չլինեին, քո մազերի մեջ կքնեին, Սայլաս, և դու երբեք չէիր իմանա։ Բայց գիտեմ, որ գդալի կորչելը չես կարող նրանց վերագրել։

― Լավ, Սալլի, մեղավոր եմ և ընդունում եմ։ Ես անհոգ եմ եղել, բայց վաղն անպայման կփակեմ այդ անցքերը։

― Օ՜, եթե քո տեղը լինեի, չէի շտապի, կհետաձգեի եկող տարվան․․․ Մաթիլդա Անջելինա Ֆելփս։

― Թրը՜խկ։

Նա մատնոցով հարվածեց երեխայի գլխին, և երեխան ձեռքը հեռու քաշեց շաքարամանից, վերջ տվեց չարությանը։ Այդ պահին նեգրուհին միջանցք եկավ ու ասաց․

― Միսիս, մի սավանը կորել է։

― Սավան է կորե՞լ։ Տե՜ր աստված։

― Անցքերն այսօր կփակեմ, ― ասաց հորեղբայր Սայլասը հուզված։

― Ձայնդ կտրի՛ր։ Ասենք թե առնետները տարան, բայց ո՞ւր տարան։ Ո՞ւր կորավ, Լիզա։

― Աստված վկա, միսիս Սալլի, չգիտեմ։ Երեկ պարանի վրա էր, իսկ այսօր չկա։

― Աշխարհի վերջը եկել է։ Կյանքումս այսպիսի բան չէի տեսել․․․ շապիկ, սավան, գդալ, վեց մոմ․․․

― Միսիս, ― լսվում է մի ջահել խառնածինի ձայնը, ― արույրե մի մոմակալ չկա։

― Կորի՛ր այստեղից, թե չէ ամանը գլխովդ կտամ։

Մորաքույր Սալլին զայրույթից իրեն կորցրել էր։ Ես ուզեցի ծլկել անտառ, մինչև այս փոթորիկը հանդարտվեր։ Մինչդեռ մորաքրոջ բարկությունը ավելի սաստկացավ։ Մյուսները լուռ ու խաղաղ սպասում էին։ Հանկարծ հորեղբայր Սայլասը շփոթված տեսքով գրպանից հանեց գդալը։ Մորաքույր Սալլին կանգ առավ՝ բերանը բաց, ձեռքերը վեր։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես կուզենայի Երուսաղեմում կամ մի այլ տեղ լինել։ Բայց դա երկար չտևեց, որովհետև մորաքույր Սալլին ասաց․

― Ես այդպես էլ գիտեի։ Դու ամբողջ ժամանակ գդալը գրպանումդ ես պահել։ Գուցե մյուս իրերն էլ այնտեղ են։ Ինչպե՞ս դա ընկավ քո գրպանը։

― Չգիտեմ, Սալլի, ― ասաց նա մի տեսակ անմեղ եղանակով, ― իմանայի, կասեի։ Ես նախաճաշից առաջ Կտակարանն էի սերտում, տասնյոթերորդ գլուխը։ Երևի գրքի փոխարեն դա եմ դրել գրպանս։ Պետք է որ այդպես էլ եղած լինի, որովհետև Կտակարանը գրպանումս չէ։ Բայց գնամ, ստուգեմ։ Եթե Կտակարանը իր տեղում է, ուրեմն՝ գրպանս չեմ դրել․ Կտակարանը այնտեղ եմ թողել և փոխարենը գդալն եմ դրել և․․․

― Օ՜, ի սե՛ր աստծո, հանգի՛ստ թող ինձ։ Բոլորդ հեռացե՛ք և աչքիս չերևաք, մինչև հանգստանամ։

Ես նրան կլսեի, եթե նա նույնիսկ ինքն իրեն խոսեր և ոչ այդպես բղավեր։ Եթե նույնիսկ մեռած էլ լինեի, վեր կկենայի, կհնազանդվեի։ Մինչ մենք անցնում էինք հյուրասենյակով, ծերունին վերցրեց գլխարկը, և մեխն այնտեղից ընկավ հատակին։ Նա վերցրեց այն, դրեց բուխարու դարակին, առանց մի բան ասելու և դուրս գնաց։ Թոմը տեսավ և, հիշելով գդալը, ասաց․

― Լավ, անիմաստ է այսուհետև իրերը նրա միջոցով ուղարկելը։ Դա հուսալի միջոց չէ։ ― Ապա ավելացրեց, ― բայց նա մեզ մեծ ծառայություն մատուցեց գդալի խնդրում, առանց իմանալու։ Մենք պետք է գնանք և առանց նրա գիտության փակենք առնետների բները։

Ներքևում՝ մառանում, բավական շատ անցքեր կային, և փակելու համար հարկ եղավ մի ամբողջ ժամ չարչարվել։ Մենք այդ գործը շատ լավ գլուխ բերինք։ Շուտով աստիճանների վրայից ոտնաձայն լսեցինք, լույսը հանգցրինք և թաքնվեցինք։ Ներս մտավ ծերունին, մի ձեռքով բռնած մի մոմ, մյուս ձեռքով՝ մի կապոց։ Այնպես մտացրիվ էր երևում, որ կարծես երազում լիներ։ Մի պտույտ կատարեց, նախ մոտեցավ բներից մեկին, ապա երկրորդին, երրորդին, մինչև աչքի անցկացրեց բոլորը։ Հինգ րոպե կանգ առավ, պոկեց մոմի պատրույգի այրված մասը, դանդաղ ու երազկոտ՝ շուռ եկավ դեպի աստիճաններն ու ասաց․

― Կյանքս վկա, չեմ կարող հիշել, թե երբ եմ փակել դրանք, այժմ կարող եմ Սալլիին ցույց տալ, որ առնետների պատճառով պետք չէր ինձ մեղադրել։ Բայց ոչինչ, թող այդպես լինի։ Միևնույն է, դրանից բան դուրս չէր գա։

Նա քրթմնջալով բարձրացավ վերևի հարկը։ Նրա ետևից մենք դուրս եկանք թաքստոցից։ Նա սքանչելի ծերուկ էր։

Թոմը շատ էր անհանգստանում գդալի համար և ասում էր, որ պետք է մի հատ ճարել։ Սկսեց մտածել այդ մասին։ Երբ արդեն լուծել էր այդ խնդիրը, հայտնեց, թե ինչ ենք անելու։ Գնացինք դեպի գդալների կողովն ու սպասեցինք մինչև մորաքույր Սալլիի գալը։ Թոմն սկսեց գդալները հաշվել ու շարել։ Հենց այդ ժամանակ մեկը սահեցրեց իմ թևի մեջ ու ասաց․

― Մորաքույր Սալլի, գիտե՞ք, այստեղ ինը գդալ կա։

Մորաքույր Սալլին պատասխանեց․

― Գնա խաղդ խաղա և ինձ մի՛ ձանձրացնի։ Ես շատ լավ գիտեմ, քանի հատ է․ ինքս եմ հաշվել։

― Երկու անգամ հաշվեցի, մորաքույր։ Դարձյալ ինը հատ են։

Մորաքրոջ համբերությունն սպառվեց, բայց և այնպես նա եկավ հաշվելու։ Ով լիներ նրա տեղը, կգար։

― Աստվա՜ծ իմ, իսկապես ինը հատ են, ― բացականչեց նա, ― այս ի՞նչ է․․․ Կորչեն բոլորն էլ։ Մի նորից հաշվեմ։

Ես իմ մոտի եղածը սահեցրի ներքև՝ գդալների մեջ, և երբ հաշվեց, ասաց․

― Կորչեն այդ անպետք գդալները, նորից տասն են, ― և նա նեղացած, զայրացած տեսք ընդունեց։ Բայց Թոմն ասաց․

― Ի՞նչ եք ասում, մորաքույր, այստեղ տասը հատ չկա։

― Ա՛յ ապուշ, չտեսա՞ր, երբ հաշվում էի։

― Գիտեմ, բայց․․․

― Լավ, նորից կհաշվեմ։

Եվ ես մի հատ թռցրի, ու այնտեղ նորից մնաց ինը հատ, ինչպես առաջ։ Մորաքույրն այնպես զայրացավ, որ ամբողջ մարմնով դողում էր։ Այնպե՜ս կատաղեց։ Նա հաշվեց ու հաշվեց, մինչև այնքան շփոթվեց, որ երբեմն էլ կողովն էր գդալի տեղ հաշվում։ Մի երեք անգամ գդալների թիվը ճիշտ դուրս եկավ, երեք անգամ՝ սխալ։ Նա կողովը շպրտեց մինչև սենյակի մյուս ծայրը։ Մի հարված էլ կատուն ստացավ։ Հետո դարձավ մեզ և հրամայեց «մաքրվել», իրեն հանգիստ թողնել։ Ասաց, որ եթե մինչև ճաշ գանք և իրեն նեղացնենք, մեզ կմաշկի։ Թռցրինք չարաբաստիկ գդալը և գցեցինք նրա գոգնոցի գրպանը, երբ նա մեզ նախատում էր։ Ջիմը դեռ կեսօր չեղած դա ստացավ, ինչպես և մեխը։ Մենք մեր արածից շատ գոհ մնացինք։ Թոմն ասաց, թե դա իր պատճառած նեղությունից երկու անգամ ավելին արժե, որովհետև մորաքույրն այսուհետև երբեք չի կարողանա գդալները հաշվել այնպես, որ երկու անգամ նույն թիվը ստացվի, նույնիսկ ճիշտ էլ հաշվի, չի հավատա։ Եթե մի երեք օր էլ հաշվի, բոլորովին կկորցնի իրեն, ձեռ կքաշի դրանից և կուզենա սպանել այն մարդուն, որն կառաջարկի իրեն գդալները հաշվել։ Այդ երեկո մենք սավանը նորից փռեցինք իր տեղը, պարանի վրա, և պահարանից մի ուրիշը գողացանք։ Երկու օր շարունակ դնում էինք տեղն ու վերցնում, մինչև մորաքույրը հաշիվը կորցրեց, չգիտեր, թե քանի սավան ունի, և ասում էր, որ դա իր համար միևնույն է, դրա համար իր հոգու հանգիստը չի կորցնի և մեռնի էլ, այլևս չի հաշվի։

Այսպիսով, շապկի, սավանի, գդալի, մոմի հարցը լուծված էր։ Մեզ օգնեցին հորթը, առնետները, ինչպես և խառնաշփոթ հաշվումները։ Ինչ վերաբերում է մոմակալին, դա այնքան էլ կարևոր չէր։ Շուտով այդ էլ կմոռացվեր։

Բայց կարկանդակ թխելը կատակ չէր։ Ուղղակի տանջվեցինք։ Խմոր հունցեցինք անտառում, այնտեղ էլ թխեցինք։ Ի վերջո, կարկանդակն ստացվեց և այն էլ շատ հաջող։ Բայց այդ բոլորը մեկ օրում չկատարվեց։ Մենք ստիպված եղանք օգտագործել երեք թաս լիքը ալյուր, մինչև կարողացանք գործը գլուխ բերել։ Ձեռքներս մի քանի անգամ այրեցինք և աչքներս էլ ծխից կուրացրինք։ Մեզ միայն կեղևն էր պետք, բայց չէինք կարողանում այնպես անել, որ կարկանդակն ուռած լիներ։ Մեջտեղը միշտ փոս էր ընկնում։ Վերջապես դրա հնարը գտանք։ Սանդուղքը պետք է դնեինք խմորի մեջ և միասին եփեինք։ Երկրորդ գիշերը նստեցինք Ջիմի հետ և սավանը պատառոտեցինք, վեր ածեցինք թելերի և այնպես ոլորեցինք իրար հետ, որ դեռ լույսը չբացված հրաշալի պարանը պատրաստ էր՝ այնքան ամուր, որ կարելի էր նույնիսկ մարդ կախել։ Մենք երևակայեցինք, թե դա պատրաստելու համար վատնել ենք ինը ամիս։

Կեսօրից առաջ մենք պարանը տարանք անտառ, բայց կարկանդակի մեջ չտեղավորվեց։ Քանի որ պատրաստել էինք մի ամբողջ սավանից, տեղավորելու համար, երևի, մի քառասուն կարկանդակ էր պետք։ Եթե ցանկանայինք, դեռ ահագին էլ կմնար սուպի, երշիկի, կամ որևէ այլ ուտելիքի համար։ Կարող էինք դրանից մի ամբողջ ճաշ պատրաստել։ Բայց դրա կարիքը չունեինք։ Մեզ հարկավոր էր միայն այնքան, որ տեղավորվեր մի կարկանդակի մեջ։ Մնացածը դեն գցեցինք։ Լվացվելու թասի մեջ կարկանդակ չեփեցինք։ Վախենում էինք ներկը թափվի։ Բայց հորեղբայր Սայլասն արույրե մի լավ տապակ ուներ՝ փայտե կոթով։ Վրան դողում էր։ Դա ժառանգել էր իր պապից, որը բերել էր Անգլիայից Վիհլեմ Աշխարհակալի[26] հետ «Մայիսյան ծաղիկ»[27] նավով կամ առաջին նավերից մեկով։ Այլ թանկարժեք հին իրերի հետ նա այդ տապակը թաքցրել էր ձեղնահարկում։

Դրանք թանկ էին ոչ թե նրա համար, որ բարձր գին տվող կար։ Ոչ։ Այդ տեսակետից ոչինչ չարժեին։ Թանկ էին որպես հիշատակ։ Մենք տապակը թռցրինք ու տարանք անտառ։ Առաջին կարկանդակները հաջող չստացվեցին, որովհետև թխել չգիտեինք, բայց վերջինը շատ լավ էր։ Տապակի ներսը խմոր քսեցինք, ապա դրինք կրակին։ Մեջը տեղավորեցինք կտորներից հյուսած պարանը, վրան լցրինք խմոր և փակեցինք կափարիչը։ Կրակը թեժացրինք հինգ ոտնաչափ հեռու՝ փայտե հարմար ու սառը կոթը բռնած։ Տասնհինգ րոպեից հետո մեր կարկանդակը պատրաստ էր։ Նայողը կհիանար։ Բայց ուտողը պետք է ձեռքի տակ տասնյակ ատամնափորիչներ ունենար, որովհետև եթե այդ պարանե սանդուղքից նա չջղաձգվեր, ուրեմն՝ ես ոչինչ չեմ հասկանում։ Դա ստամոքսի այնպիսի ցավ կառաջացներ, որ երբեք չէր մոռանա։

Նաթը չնայեց, երբ կախարդված կարկանդակը դրինք Ջիմի տապակի մեջ։ Տապակի հատակին կերակուրի տակ դրինք երեք ափսե։ Այսպիսով Ջիմն ամեն ինչ ձեռք բերեց բարեհաջող կերպով։ Երբ ոչ ոք չկար իր մոտ, նա կոտրեց կարկանդակը և պարանի աստիճանները թաքցրեց ծղոտե ներքնակի մեջ, իսկ թիթեղյա ափսեի վրա մի քանի խազեր քաշելով՝ վերջինս դուրս նետեց պատուհանի անցքից։


Գլուխ երեսունութերորդ

Գրիչներ պատրաստելը տանջալից, դժվար գործ էր։ Նույնը կարելի է ասել սղոցի մասին։ Իսկ Ջիմը վախենում էր, թե մակագրությունն ամենադժվարը կլինի։ Մակագրությունները պատի վրա բանտարկյալի արած խզբզոցներն են։ Ջիմը ստիպված էր դա անել։ Թոմն ասում էր, թե պարտավոր է անել։ Դեռ չէր եղել այնպիսի դեպք, որ պետական հանցագործն իր մակագրությունները չթողներ պատի վրա, ինչպես և զինանշանը։

― Վերցրու լեդի Ջեյն Գրեյին, ― ասաց Թոմը։ ― Գիլֆորդ Դեդլիին կամ ծեր Նորթումբերլենդին։ Ի՞նչ անենք, Հեք, ենթադրենք թե նեղությունը մեծ է։ Ի՞նչ կարող ես անել։ Ինչպե՞ս ես հաղթանակի տանելու։ Ջիմը պետք է այդ մակագրությունն անի, ինչպես և զինանշանը։ Բոլորն էլ անում են։

Ջիմն ասաց․

― Միստր Թոմ, չէ՞ որ ես զինանշան չունեմ, բացի ափսեից ու հին շապկից ոչինչ չունեմ, և դուք գիտեք, որ շապիկը օրագրության համար է։

― Օ՜, չես հասկանում, Ջիմ, զինանշանը բոլորովին ուրիշ բան է։

― Համենայն դեպս, ― ասացի ես, ― Ջիմն իրավացի է, երբ ասում է, թե զինանշան չունի, և իսկապես չունի։

― Կարծեմ, ես էլ գիտեմ, ― ասաց Թոմը, ― բայց կարող ես հավատալ, որ նա զինանշան կունենա նախքան այստեղից դուրս գալը։ Նա փախչելու է, իսկ թերի արձանագրությամբ փախչել հնարավոր չէ։

Մինչ ես ու Ջիմն աղյուսի վրա սրում էինք գրիչները (Ջիմն արույրից էր պատրաստում, իսկ ես՝ գդալից), Թոմը մտածում էր զինանշանի մասին։ Շուտով նա հայտնեց, որ ինքն այնքան լավ զինանշաններ է վերհիշել, որ չգիտե, թե ո՛րն ընտրի։ Բայց կար մեկը, որի վրա կանգ էր առել։ Նա ասաց․

― Մենք զինանշանի վահանի աջ կողմի վրա ունենալու ենք ոսկի գոտի, զինանշանի կենտրոնում՝ մուգ կարմիր շեղախաչ, մի շուն՝ պառկած և գլուխը բարձրացրած, որը նշան է սպառնացող վտանգի, թաթի տակ՝ կեռիկներով զարդարված մի շղթա՝ որպես ստրկության նշան, ատամնավոր եզրերով կանաչ ժապավեն, երեք կոր գիծ՝ երկնագույն դաշտում, իսկ մեջտեղում վահան՝ զինանշան, ատամնավոր եզրերով։ Վերևում՝ փախչող, սևաթույր մի նեգր, կապոցն ուսին, չարաշուք ծովի եզրին և երկու կարմիր հենարան, որոնք կներկայացնենք քեզ և ինձ․ նշանաբանը կլինի․ «Maggiore fretta ― minore atto»։ Ես դա գրքից եմ վերցրել և նշանակում է․ «Շատ շտապես, ուշ տեղ կհասնես»։

― Լավ է, ― ասացի ես, ― բայց մնացա՞ծն ինչ է նշանակում։

― Մենք ժամանակ չունենք դրա համար անհանգստանալու, ― պատասխանեց նա, ― մենք պետք է շուտ վերջացնենք և դուրս գանք այստեղից։

― Լավ, ― ասացի ես, ― գոնե ասա, ինչ է նշանակում զինանշանի կենտրոն։

― Զինանշանի կենտրոն․․․ կենտրոն․․․ կարիք չկա իմանալ։ Երբ բանը դրան հասնի, ես Ջիմին ցույց կտամ, թե դա ինչպես պատրաստի։

― Դատարկ բան ես խոսում, Թոմ․ մի՞թե չես կարող ասել, թե ինչ է դա։ Իսկ ի՞նչ բան է «չարաշուք ծով»։

― Չգիտեմ։ Բայց Ջիմը պետք է այդ բաները պատրաստի։ Բոլոր ազնվականների մոտ էլ դա կա։

Նա այդպիսի տղա էր։ Եթե չէր ուզում մի բան բացատրել, չէր բացատրի։ Թեկուզ մեկ շաբաթ փորձես դուրս կորզել գաղտնիքը, միևնույն է, իզուր է։

Կարգի բերելով զինանշանի հարցը, նա անցավ մնացածին։ Ուզում էր հնարել սրտաճմլիկ մի մակագրություն։ Ասում էր, որ Ջիմը պետք է այդ մակագրությունն անի, ինչպես արել են բոլորը։ Նա մի շարք մակագրություններ հորինեց, գրեց թղթի վրա ու կարդաց․

«1. Այստեղ փշրվեց գերված մի սիրտ։

2. Այստեղ մի խեղճ բանտարկյալ, լքված աշխարհից ու բարեկամներից, քարշ տվեց իր տխուր գոյությունը։

3. Այստեղ խորտակվեց մենավոր մի սիրտ․ հոգնած մի հոգի հանգստի գնաց երեսունյոթ տարվա բանտարկությունից հետո։

4. Այստեղ երեսունյոթ տարվա դառը բանտարկությունից հետո կորավ լքված ու անտուն, օտարերկրացի մի ազնվական՝ Լյուդովիկոս XIV-ի ապօրինի որդին»։

Թոմի ձայնը դուղում էր, երբ կարդում էր դրանք, և քիչ էր մնում լաց լինի։ Երբ վերջացրեց, ոչ մի կերպ չէր կարող որոշել, թե դրանցից ո՛րը Ջիմը պիտի մեխով փորագրի պատի վրա։ Բոլորն անչափ լավ էին։ Վերջիվերջո որոշեց, որ դրանք բոլորն էլ փորագրի պատի վրա։ Ջիմն ասում էր, թե մեխով այդքանը գերանի վրա փորագրելը մեկ տարի կտևի, բացի այդ, ինքը տառերը գրել չգիտե։ Բայց Թոմն ասաց, որ նա ինքը մատիտով կգրի, և նրան այնուհետև ոչինչ չի մնա, բացի գծերը խորացնելուց։ Հետո էլ թե․

― Եկեք մտածենք, գերանները հարմար չեն․ բանտի պատերը փայտից չեն շինում։ Մենք պետք է փորագրությունը քարի վրա անենք։ Մի քար բերենք այստեղ։

Ջիմն ասաց, որ քարը կոճղից վատ է։ Ասաց, որ քարի վրա փորագրելը շատ ժամանակ կխլի, և ինքը երբեք դուրս չի գա այստեղից։ Բայց Թոմն ասաց, որ ինձ թույլ կտա օգնեմ։ Ապա նայեց, թե ես ու Ջիմն ինչպես ենք գրիչներ պատրաստում։ Դա չափազանց ձանձրալի, ծանր ու դանդաղ առաջ շարժվող գործ էր։ Ձեռքերիս վերքերը դեռ չէին լավացել, և գործն առաջ չէր գնում։ Թոմն ասաց․

― Ես գիտեմ, ինչպես գլուխ բերել այս գործը։ Մենք պետք է մի քար բերենք զինանշանի և ողբալի մակագրությունների համար։ Սղոցարանի մոտ կա մի մեծ, գեղեցիկ ջրաղացքար։ Դա քարշ կտանք այստեղ և վրան կփորագրենք մակագրությունները։ Գրիչներն ու սղոցն էլ կսրենք։ Այդպես մեկ քարով երկու թռչուն սպանած կլինենք։

Դա վատ միտք չէր, ոչ էլ քարն էր վատ։

Որոշեցինք քարշ տալ այդ քարը։ Դեռ կեսգիշեր չկար։ Գնացինք բերելու, Ջիմին թողնելով, որ աշխատի։ Մենք քարշ տվինք քարը և սկսեցինք գլորել դեպի տուն, բայց դա դժոխային չարչարանք էր։ Երբեմն, չնայած մեր բոլոր ջանքերին ոչ մի կերպ չէինք կարողանում այնպես պահել, որ վայր չընկներ և ամեն անգամ ընկնելիս քիչ էր մնում մեզ ճզմեր։ Թոմն ասաց, թե մինչև տուն տանելը մեզանից մեկն ու մեկին կճզմի։ Ճանապարհի կեսն անցանք, բայց կատարյալ ուժասպառ եղանք, քրտինքի մեջ կորանք։ Տեսանք, որ անօգուտ է, երկուսով չենք կարող, ստիպված եղանք գնալ, կանչել Ջիմին։ Նա բարձրացրեց մահճակալի ոտը, շղթան սահեց, վայր ընկավ, ապա այն փաթաթեց վզի շուրջը, և մենք դուրս սողացինք մեր բացած անցքից։ Ջիմն ու ես կպանք քարին, գլորեցինք, ինչպես փայտե անիվ, իսկ Թոմը կարգադրություններ էր անում։ Ավելի լավ կարգադրող տղա ես իմ կյանքում չեմ տեսել։ Ամեն ինչից խելքը հասնում էր։

Մեր բաց արած անցքը բավական մեծ էր, բայց ոչ այնքան, որ ջրաղացքարը միջից անցներ։ Ջիմը շուտով վերցրեց քլունգը և ինչքան պետք էր լայնացրեց։ Ապա Թոմը քարի վրա մեխով մակագրություններ արեց և Ջիմին պատվիրեց աշխատել դրանց վրա։ Որպես դուր Ջիմը պետք է օգտագործեր մեխը, կողքի տնակում թափված անպետք իրերի միջից բերած երկաթի կտորն էլ՝ որպես մուրճ։ Թոմը պատվիրեց աշխատել մինչև մոմը վառվի և վերջանա։ Հետո Ջիմը կարող էր պառկել, քարն էլ թաքցնել ծղոտե ներքնակի տակ ու քնել վրան։ Մենք օգնեցինք Ջիմին, շղթան անցկացրինք մահճակալի ոտքին և ինքներս էլ պատրաստվեցինք անկողին մտնել։ Բայց Թոմը հանկարծ ինչ֊որ բան հիշեց․

― Այստեղ սարդեր կա՞ն, Ջիմ։

― Ոչ, սըր, փառք աստծո, չկան, միստր Թոմ։

― Շատ լավ, մի քանի հատ կճարենք։

― Բայց աստված օրհնի ձեզ, քաղցրիկս, ինչի՞ս են պետք։ Ես սարդերից վախենում եմ։ Ավելի շուտ կուզենայի բոժոժավոր օձեր։

Թոմը մեկ֊երկու րոպե մտածեց և ապա ասաց․

― Լավ միտք է։ Պետք է իրականացնել։ Կարծես առաջ այդպիսի բան արել եմ։ Խելքի մոտ բան է։ Այո, դա լավ միտք է։ Որտե՞ղ կարող ես պահել։

― Ի՞նչը պահեմ, միստր Թոմ։

― Չասացի՞ք բոժոժավոր օձեր։

― Ողորմա՜ծ աստված։ Միստր Թոմ, եթե այստեղ բոժոժավոր օձ գա, ես գլուխս հենց այս պատին կտամ կամ կփախչեմ։

― Ինչո՞ւ, Ջիմ, կարճ ժամանակից հետո այլևս չես վախենա, կարող ես ընտելացնել։

― Ընտելացնե՞լ։

― Այո, շատ հեշտ։ Ամեն մի կենդանի, եթե բարի լինեն նրա հանդեպ, փաղաքշեն, երախտապարտ կմնա և չի մտածի վնաս տալ այն մարդուն, ով գուրգուրում է իրեն։ Ուզածդ գրքում այդ մասին գրված կա։ Փորձիր, խնդրում եմ, փորձիր երկու֊երեք օր։ Դու կարող ես այնպես վարժեցնել, որ կարճ ժամանակից հետո օձը քեզ սիրի, քնի քեզ հետ, ոչ մի րոպե չհեռանա քեզանից, թողնի, որ իրեն փաթաթես վզիդ շուրջը և գլուխը դնես բերանիդ մեջ։

― Խնդրում եմ, միստր Թոմ, այդպես մի՛ խոսեք։ Չեմ կարող նույնիսկ լսել։ Նա թույլ կտա, որ գլուխը բերանս դնեմ որպես բարյացակամության նշան, այո՞։ Նա շա՜տ պիտի սպասի, մինչև խնդրեմ։ Չեմ էլ ուզում, որ օձն ինձ հետ քնի։

― Ջիմ, այդքան հիմար չեն լինի։ Բանտարկյալը պետք է որևէ մունջ մտերիմ էակ ունենա իր մոտ, և եթե մինչև այժմ բոժոժավոր օձ չեն փորձել, ապա որպես առաջին փորձող, դու ավելի մեծ փառք ու համբավ ձեռք կբերես, քան որևէ այլ ձևով, որ կարող ես հնարել՝ կյանքդ փրկելու համար։

― Բայց, միստր Թոմ, ես այդպիսի փառք չեմ ուզում։ Եթե օձը Ջիմի ծնոտը կծի, էլ փառքը նրա ինչի՞ն է պետք։ Ոչ, սըր, ես այդպիսի բան չեմ ուզում։

― Գրողը տանի, մի՞թե չես կարող փորձել։ Ես միայն ուզում եմ, որ փորձես։ Եթե չհաջողվի, ոչ ոք քեզ չի ստիպի օձ պահել։

― Բայց դժբախտությունն արդեն եկած կլինի, եթե հենց փորձելու ժամանակ նա ինձ խայթի։ Միստր Թոմ, ես համաձայն եմ անել ամեն ինչ, որը հարմար կգտնեք, բայց եթե դուք և Հեքը բոժոժավոր օձ բերեք այստեղ, որպեսզի ես ընտելացնեմ, ապա կփախչեմ, անպայման կփախչեմ։

― Լավ, թողնենք այդ, թողնենք, եթե դու այդքան բթամիտ ես։ Այդ դեպքում կբերենք մի քանի լորտու։ Պոչերին մի քանի կոճակ կկապես և կերևակայես, թե բոժոժավոր օձեր են։ Կարծում եմ՝ սա հնարավոր է։

― Լորտուները ոչինչ, միստր Թոմ, բայց մի՞թե առանց դրանց հնարավոր չէ․․․ Ես երբեք չէի լսել, որ բանտարկյալ լինելն այսքան ձանձրալի է, այսքան տանջալի։

― Միշտ էլ այդպես է լինում, երբ պահպանում ես բոլոր կանոնները։ Այստեղ առնետներ կա՞ն։

― Ոչ, սըր, ոչ մի հատ չեմ տեսել։

― Լավ, այդ դեպքում մի քանի առնետ կճարենք։

― Միստր Թոմ, ես առնետ չեմ ուզում։ Դրանք մարդկանց խանգարելու տեսակետից ամենաանիծված արարածներն են․ վազում են մարդու վրա, կծում ոտքը, երբ ուզում է քնել։ Ո՛չ, սըր, այդ դեպքում ինձ լորտուներ տվեք, եթե անպայման անհրաժեշտ են, բայց առնետ պետք չէ։ Ես դրանց կարիքը չունեմ։

― Բայց, Ջիմ, այդպես չի լինի։ Բոլորի մոտ էլ առնետներ են լինում։ Չեմուչեմ չանես։ Բանտարկյալները երբեք առանց առնետների չեն լինում։ Այդպիսի օրինակ չկա։ Եվ նրանք վարժեցնում են առնետներին, գուրգուրում են նրանց, սովորեցնում են աճապարություն։ Առնետները նույնքան ընկերասեր են դառնում, որքան ճանճերը։ Բայց դու էլ պարտավոր ես նրանց համար նվագել։ Որևէ գործիք ունե՞ս։

― Ես ոչինչ չունեմ, բացի մի կոպիտ սանրից, մի կտոր թղթից ու շրթհարմոնից։

― Ոչինչ, բավական է, նրանց համար նշանակություն չունի, թե ինչ տեսակի երաժշտություն է։ Առնետի համար շրթհարմոնը միանգամայն բավական է։ Բոլոր կենդանիները սիրում են երաժշտություն, իսկ բանտում ավելի շատ, հատկապես տխուր երաժշտություն։ Իսկ շրթհարմոնից երբեք ուրիշ ձայն դուրս չի գա։ Դա միշտ հետաքրքիր է նրանց համար։ Դուրս են գալիս տեսնելու, թե ինչ ես անում։ Այո, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ տեղին է։ Դու ամեն երեկո քնելուց առաջ, ինչպես և վաղ առավոտյան, պետք է նստես անկողմնուդ և նվագես։ Նվագելու ես «Վերջին կապը կտրված է»։ Այդ եղանակն առնետին ավելի դուր կգա, քան որևէ այլ բան։ Եվ երբ մեկ֊երկու րոպե նվագես, կտեսնես, որ բոլոր առնետները, օձերը, սարդերը և այլ արարածներ կհուզվեն, կհավաքվեն քո շուրջը։ Նրանք բոլորը կմագլցեն քեզ վրա և կուրախանան։

― Այո, կուրախանան, միստր Թոմ, իսկ ինչպե՞ս ուրախանա Ջիմը։ Անիծվեմ, թե ես կարողանամ տեսնել այդ բանը։ Բայց ես կանեմ, եթե պետք է։ Կարծում եմ, որ ավելի լավ է կենդանիներին զվարճացնեմ, քան թե իրարից նեղանանք։

Թոմը կանգ առավ այդ հարցի մասին նորից մտածելու և տեսնելու, թե ուրիշ բան չկա՞ անելու։ Շուտով նա ասաց․

― Օ՜, մի բան մոռացել եմ։ Կարո՞ղ ես այստեղ ծաղիկ աճեցնել, ի՞նչ ես կարծում։

― Չգիտեմ, գուցե կարողանամ, միստր Թոմ, բայց այստեղ շատ մութ է, և ես էլ սովոր չեմ ծաղիկներ խնամելու։ Բացի այդ, դա մեծ նեղություն կլինի։

― Համենայն դեպս, փորձիր։ Ուրիշ բանտարկյալներ նման բան արել են։

― Գուցե շան պոչի նման խռնդատն աճի այստեղ, միստր Թոմ, բայց դա իր պատճառած նեղության կեսն էլ չարժե։

― Դու այդ մասին մի՛ մտածիր։ Մենք մի փոքր ծաղիկ կբերենք, կտնկես անկյունում և կաճեցնես։ Բացի այդ, դու ծաղիկը կանվանես ոչ թե խանդոտ, այլ «պիչչիոլա»։[28] Դրա իսկական անունն այդ է, երբ աճում է բանտում։ Պետք է արցունքներով ջրես։

― Ինչո՞ւ, միստր Թոմ, ես աղբյուրի ջուր շատ ունեմ։

― Դու չպիտի ցանկանաս աղբյուրի ջրով ջրել, պիտի արցունքներով ջրես։ Բանտարկյալները միշտ այդպես են անում։

― Ինչո՞ւ, միստր Թոմ, խռնդատի ցողունը ես կարող եմ աղբյուրի ջրով լավ աճեցնել, իսկ մի ուրիշը՝ արցունքով։

― Հարցն այդ չէ։ Դու պարտավոր ես արցունքով աճեցնել։

― Բայց դա կչորանա, միստր Թոմ, անպայման կչորանա, որովհետև ես շատ հազվադեպ եմ լաց լինում։

Թոմն այստեղ կանգ առավ։ Մտածեց, մտածեց և ասաց, որ Ջիմը արտասվելու համար պետք է սոխ գործածի։ Նա խոստացավ առավոտյան գնալ նեգրերի հյուղակները և թաքուն մի սոխ գցել Ջիմի սրճամանի մեջ։ Ջիմն ասաց, որ ավելի լավ է ծխախոտ լցնի սրճամանի մեջ։ Նա գտնում էր, որ սխալ բաներ ենք անում, և ինքը ձանձրացել է այդ բոլորից՝ և՛ բույս աճեցնել, և՛ առնետների համար նվագել, և՛ օձեր ու սարդեր փաղաքշել։ Այդ բոլորից բացի, նա պետք է գրչով մակագրություններ աներ, օրագիր պահեր և նման բաներ։ Նա ասաց, որ առանց այդ էլ, բանտարկյալ լինելը տաժանակիր գործ է, ավելի վատ, քան մինչև այժմ իր կատարած որևէ գործ, և դեռ պետք է այդ բոլորի համար պատասխանատու լինել։ Թոմը համբերությունը կորցրեց և ասաց, որ ինքը՝ Ջիմը հռչակ ձեռք բերելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան աշխարհում որևէ այլ բանտարկյալ։ Ջիմը դա չի գնահատում, և ամեն ինչ կորչում է։ Ջիմը զղջաց իր տրտունջի համար և ասաց, որ նման բան այլևս չի անի։ Դրանից հետո Թոմն ու ես գնացինք քնելու։


Գլուխ երեսունիններորդ

Առավոտյան գնացինք գյուղ, գնեցինք մետաղալարից պատրաստած թակարդ, բերինք տուն։ Ներքնահարկում բաց արինք ամենամեծ բույնը և մոտ մեկ ժամում բռնեցինք տասնհինգ ընտիր առնետ։ Դրանք տարանք ու թաքցրինք ապահով մի տեղ՝ մորաքույր Սալլիի մահճակալի տակ։ Մինչ մենք գնացել էինք սարդեր հավաքելու, փոքրիկ Թոմաս Ֆրանկլին Ջեֆերսոն Ալեքսանդր Ֆելփսը գտել էր վանդակը և բաց արել դուռը, որպեսզի տեսներ, թե առնետները դուրս կգա՞ն։ Առնետները դուրս էին եկել։ Երբ մենք վերադարձանք, մորաքույր Սալլին կանգնել էր մահճակալի վրա և ամբողջ ուժով ճչում էր։ Իսկ առնետներն ամեն ինչ անում էին նրա աշխուժությունը չնվազեցնելու համար։ Նա ընկուզենու փայտով լավ ծեծեց մեզ, իսկ մենք երկու ժամ կորցրինք, մինչև նորից բռնեցինք տասնհինգ֊տասնվեց հատ։ Անիծվի այդ անտանելի լակոտը․ ամեն բանի խառնվում է։ Վերջին առնետները բանի նման չէին։ Առաջին անգամ բռնել էինք ամենաընտիրները։ Դրանց նման առնետներ երբեք չեմ տեսել։

Մենք ձեռք բերինք ընտիր սարդերի, բզեզների, գորտերի, թրթուրների և այլ միջատների հիանալի մի հավաքածու։ Փորձեցինք ձեռք բերել և պիծակների բույն, բայց չկարողացանք․ ներսում էին։ Հեշտությամբ ձեռք չքաշեցինք դրանից։ Երկար ժամանակ սպասեցինք, որ հոգնեցնենք, դուրս վռնդենք բնից, բայց նրանք մեզ վռնդեցին։ Անուշադրի սպիրտով շփեցինք կծած տեղերը, ցավը բավական մեղմացավ, բայց երկար ժամանակ հանգիստ նստել չէինք կարող։ Այնուհետև գնացինք օձ ճարելու։ Բռնեցինք մոտ տասնյակ լորտու և օձակերպ մողես, դրինք պարկի մեջ ու թաքցրինք սենյակում։ Արդեն ընթրիքի ժամանակ էր, և մենք բարեխղճորեն կատարել էինք մի լավ օրվա աշխատանք։ Գուցե քաղց էինք զգում, բայց ոչ, այդ մասին չխոսենք։ Կարևորն այն է, որ երբ վերադարձանք, ոչ մի օրհնված օձ պարկի մեջ չէր մնացել։ Պարկի բերանը լավ չէինք կապել, և նրանք դուրս էին սողացել ու ցրվել։ Բայց դա մեզ շատ չանհանգստացրեց․ պետք է որ մոտերքում լինեին։ Հույս ունեինք, որ գոնե մի քանիսին նորից կբռնենք։ Եվ, իրոք, երկար ժամանակ տան ներսում ու շրջակայքում դրանք չէին պակասում։ Հաճախ կարելի էր տեսնել, թե ինչպես առաստաղից կամ մի տեղից կախվում էին ցած, ընկնում ափսեիդ մեջ, վզիդ և մեծ մասամբ այնպիսի տեղ, որ ցանկալի չէր։

Այդ օձերը գեղեցիկ էին, երիզավոր և եթե մեկ միլիոն էլ լինեին, ոչ ոքի վնաս չէին տա։ Բայց մորաքույր Սալլիի համար դա ոչ մի նշանակություն չուներ։ Նա օձերին ատում էր, ինչ տեսակի էլ որ լինեին, և ինչ էլ անեինք, դրանց տանել չէր կարող։ Ամեն անգամ, երբ օձն ընկնում էր նրա վրա, գործը թողած վեր էր թռչում։ Ես այդպիսի կին երբեք չեմ տեսել։ Այնպես էր գոռում, որ ձայնը կարելի էր լսել Երիկոնում։ Ոչ մի կերպ հնարավոր չէր ստիպել նրան, որ օձ բռնի, թեկուզ ունելիով։ Իսկ եթե շուռ գար ու մի օձ տեսներ անկողնում, այնպես կճչար, որ մարդիկ կկարծեին, թե տունը հրդեհ է ընկել։ Նա այնքան անհանգստացրեց ծերուկին, որ խեղճ մարդն ասաց․ «Երանի՜ աստված օձ չստեղծեր»։ Թեև վերջին օձն էլ արդեն հեռացել էր և մեկ շաբաթ էր անցել, բայց մորաքույր Սալլին դեռ չէր հանգստանում։ Միտք էլ չուներ հանգստանալու։ Երբ մտքերով տարված նստած էր լինում և մեկը վզին փետուր էր քսում, նա վեր էր թռչում։ Նման պահերին հետաքրքիր էր նայելը։ Թոմն ասում էր, որ բոլոր կանայք այդպես են։ Ասում էր, որ դրանք այդպես են ստեղծված։ Թե ինչո՛ւ, չես կարող իմանալ։

Ամեն անգամ, երբ մեր օձերը մորաքույր Սալլիի աչքովն էին ընկնում, ծեծ էինք ուտում։ Նա ասում էր, որ դա ոչինչ է՝ համեմատած այն պատիժների հետ, որ կտա մեզ, եթե մեկ էլ տունը լցնենք օձերով։ Այդ ծեծերի համար ես շատ չէի մտահոգվում․ դրանք մի բան չէին։ Ես մտածում էի, թե որքա՞ն պիտի տանջվենք մինչև նորից հավաքենք։ Բայց մենք հավաքեցինք դրանք էլ, ուրիշ կենդանիներ էլ։ Դուք երբեք տեսած չեք լինի մի տնակ, որտեղ այնքան աշխուժություն լիներ, ինչպես Ջիմի խցիկում, երբ այդ էակները խռնվում էին երաժշտության համար և վխտում նրա շուրջը։ Ջիմը սարդեր չէր սիրում, սարդերն էլ նրան չէին սիրում։ Սարդերն ամեն կողմից նեղացնում, բարկացնում էին նրան։ Ջիմն ասում էր, որ ջրաղացքարի, առնետների ու օձերի պատճառով այլևս տեղ չկա մահճակալի համար, իսկ եթե լինի էլ, այդ խառնաշփոթության մեջ հազիվ թե հնարավոր լինի քնել։ Այդ աշխուժությունը բոլորովին չէր պակասում, որովհետև երբեք բոլորը միաժամանակ չեն քնում։ Երբ օձերը քնած են, առնետներն են արթուն, երբ առնետներն են քնում, օձերն են արթուն։ Այնպես որ միշտ խառնիճաղանջ մի խումբ լինում է կողքին և թույլ չի տալիս ազատ պառկել, իսկ մյուսները նրա վրա ձիարշավի են դուրս գալիս, ինչպես կրկեսում։ Եվ երբ ինքը վեր է կենում մի նոր տեղ գտնելու, սարդերն են սկսում։ Ասում էր, որ եթե ինքը դուրս գա այստեղից, այլևս բանտարկյալ չի դառնա, թեկուզ բարձր աշխատավարձ տան։

Երեք շաբաթ անց ամեն ինչ կարգին էր։ Շապիկը, կարկանդակի մեջ դրած, վաղուց էինք տեղ հասցրել։ Եվ ամեն անգամ, երբ առնետը կծում էր Ջիմին, Ջիմը վեր էր կենում և իր օրագրում մի տող ավելացնում, քանի դեռ թանաքը չէր չորացել։ Գրիչները պատրաստել էինք, մակագրությունները փորագրել ջրաղաց քարի վրա, մահճակալի ոտքը սղոցել, երկու մասի էինք բաժանել, թեփը կերել էինք, բայց դա այնպես ցավեցրեց մեր ստամոքսը, որ կարծում էինք, թե կմեռնենք։ Լավ է, ոչինչ չեղավ։ Կյանքումս ավելի անմարսելի սղոցաթեփ չէի տեսել։ Նույն բանն ասաց և Թոմը։ Բայց, ինչպես ասացի, այժմ վերջապես բոլոր գործերը կատարված էին։ Մենք, իհարկե, դրա համար շատ տանջվեցինք, հատկապես՝ Ջիմը։

Ծերունին երկու անգամ նամակ էր ուղարկել Օռլեանի մոտերքում գտնվող մի պլանտացիա, որպեսզի գան, տանեն իրենց փախած նեգրին։ Բայց ոչ մի պատասխան չէր ստացել․ այդպիսի պլանտացիա գոյություն չուներ։ Նա որոշեց Ջիմի մասին Սեն Լուիի և Նոր Օռլեանի թերթերում հայտարարություն տալ։ Երբ նա հիշատակեց Սեն Լուիի թերթերի մասին, սառը դող անցավ մարմնովս։ Տեսա, որ ժամանակ չունենք կորցնելու։ Թոմն ասաց, որ արդեն անանուն նամակներ գրելու ժամանակն է։

― Դա ի՞նչ բան է, ― հարցրի ես։

― Զգուշացնել մարդկանց, թե ինչ֊որ փորձանք է գալու։ Տարբեր ձևեր կան։ Ինչ որ է, միշտ մեկը հետևում է հանցագործին և տեղեկացնում ամրոցի պետին։ Երբ Լյուդովիկոս XVI֊ը պատրաստվում էր փախչել Տյուիլրիից, այդ մասին տեղեկացրեց մի աղախին։ Դա շատ լավ միջոց է։ Անանուն նամակները նույնպես վատ չեն։ Մենք այդ երկու միջոցներն էլ կօգտագործենք։ Սովորաբար բանտարկյալի մայրը որդու հետ փոխում է շորերը և ինքը մնում է նրա տեղը, իսկ բանտարկյալը փախչում է մոր շորերով։ Մենք այդ էլ կանենք։

― Բայց լսիր, Թոմ, ի՞նչ կարիք կա նախազգուշացնել մարդկանց, թե դավադրություն պիտի լինի։ Թող իրենք իմանան․ դա արդեն նրանց գործն է։

― Այո, գիտեմ։ Բայց չի կարելի վստահ լինել, թե նրանք կհսկեն։ Հենց սկզբից նրանք մեզ լրիվ ազատ թողեցին, թույլ տվին, որ ամեն ինչ անենք։ Նրանք այնքան վստահում են մարդկանց և այնպես միամիտ են, որ ոչ մի բան չեն նկատի։ Եթե մենք նրանց չնախազգուշացնենք, ապա ոչ մի մարդ կամ միջոց չի լինի, որը խանգարի մեզ, և մեր այս ամբողջ ծանր աշխատանքից ու նեղությունից հետո այս փախուստը տեղի կունենա շատ հարթ ձևով, զրոյի հավասար, աննպատակ։

― Լավ, ինչ վերաբերում է ինձ, Թոմ, իմ ուզածն էլ հենց այդ է։

― Դատարկ բան, ― ասաց նա դժգոհ։

― Բայց ես չեմ տրտնջում, Թոմ։ Ինչ ձև էլ որ հարմար գտնես, միևնույն է։ Իսկ աղախինի համար ի՞նչ ես անելու։

― Նրա դերը դու կտանես։ Կեսգիշերին ներս կմտնես և կթռցնես խառնածինի զգեստը։

― Բայց, Թոմ, առավոտյան նա մեծ աղմուկ կբարձրացնի, որովհետև նա հավանորեն միայն մի զգեստ ունի։

― Գիտեմ, բայց քեզ այդ զգեստը միայն տասնհինգ րոպե է պետք, մինչև անանուն նամակը տանես դռան տակը դնես։

― Լավ, կանեմ, բայց ես կարող եմ այդ գործը նույնքան հաջող կատարել և իմ հագուստներով։

― Բայց այդ դեպքում դու չես նմանվի աղախնի, չէ՞։

― Ոչ, սակայն ոչ ոք չի լինի այնտեղ, որպեսզի տեսնի, թե ինչի եմ նման։

― Դա գործի հետ կապ չունի։ Մենք պետք է մեր պարտականությունը ճշտությամբ կատարենք և չմտահոգվենք՝ մեզ կտեսնե՞ն, թե՞ ոչ։ Մի՞թե դու սկզբունքից զուրկ ես։

― Լավ, ոչինչ չեմ ասում։ Ես կլինեմ աղախին։ Իսկ ո՞վ է Ջիմի մայրը։

― Մայրն էլ ես կլինեմ։ Ես էլ մորաքույր Սալլիի զգեստը կգողանամ։

― Ուրեմն՝ դու մնալու ես հյուղակո՞ւմ, երբ ես ու Ջիմը գնանք։

― Երկար չեմ մնա։ Ջիմի շորերը կլցնեմ ծղոտով, կդնեմ նրա մահճակալի վրա և կերևակայեմ, թե դա նրա ծպտված մայրն է։ Իսկ Ջիմը կհագնի իմ տված կանացի զգեստը, և մենք բոլորս միասին կփախչենք։ Երբ մի ազնիվ բանտարկյալ է փախչում, ասում են «խույս տվեց»։ Միշտ այդպես են ասում, երբ, օրինակի համար, թագավոր է փախչում։ Նույնը վերաբերում է և թագավորի որդուն (նշանակություն չունի օրինական որդի՞ է, թե ոչ)։

Թոմը գրեց անանուն նամակը, ես գիշերը թռցրի խառնածինի զգեստը, հագա, և նամակը դրեցի դռան տակ, ինչպես ասել էր Թոմը։ Նամակում գրված էր․

«Զգուշացեք, ձեզ վտանգ է սպառնում։ Եղեք աչալուրջ։

Անհայտ բարեկամ»։

Հաջորդ գիշերը ճակատի դռանը մի նկար փակցրինք, որը Թոմը նկարել էր արյամբ։ Դա ներկայացնում էր մի գանգ և խաչաձևած ոսկորներ։ Երրորդ գիշերը փակցրինք մի դագաղ՝ ետևի դռան վրա։ Ես երբեք չեմ տեսել մի ընտանիք, որն այդ աստիճան սարսափահար լիներ։ Ավելի չէին ահաբեկվի, եթե տունը լցված լիներ ուրվականնեով, որոնք պառկած լինեին ամեն մի իրի ետևում, մահճակալների տակ և օրորվեին օդում։ Երբ դուռն էին ծեծում, մորաքույր Սալլին վեր էր թռչում ու հառաչում՝ «ո՜ւհ»։ Երբ մի բան վայր էր ընկնում, նույնպես վեր էր թռչում ու հառաչում։ Եթե պատահմամբ դիպչեին նրան, և նա չնկատեր, թե ով է, նույն աղաղակն էր լսվում։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում մի բանի ուղիղ նայել ու գոհ մնալ, որովհետև միշտ թվում էր, թե իր ետևում մի բան կա։ Միշտ անսպասելիորեն պտույտ էր գալիս ու բացականչում՝ «ո՜ւհ»։ Պտույտի երկու երրորդը դեռ չկատարած՝ ետ էր դառնում ու կրկնում նույն բացականչությունը։ Նա վախենում էր անկողին մտնել, ամբողջ գիշերը նստել ու սպասել նույնպես չէր կարողանում։ Այնպես որ գործը լավ էր գնում, ասում էր Թոմը։ Նա ասում էր, որ ինքը երբևէ չի տեսել մի բան, որն ավելի գոհացուցիչ արդյունք տար, և այդ ցույց էր տալիս, որ ամեն ինչ ճիշտ է կատարված։

Այժմ, Թոմի կարծիքով, գլխավոր հարվածի ժամանակն է։

Հաջորդ առավոտյան, երբ նոր էր լույսը բացվել, մի այլ նամակ պատրաստեցինք, բայց չգիտեինք, թե ինչպես տեղ հասցնենք։ Ընթրիքի ժամանակ լսեցինք, որ ամբողջ գիշերը յուրաքանչյուր դռան առջև մի նեգր է հսկելու։ Թոմը շանթարգելով ցած սողաց շրջակայքը լրտեսելու և տեսավ, որ ետևի դռան մոտ կանգնած նեգրը քնած է։ Նամակը նրա օձիքը խցկեց ու վերադարձավ։ Նամակում գրված էր․

«Ինձ մի՛ մատնեք․ ես ձեր բարեկամն եմ։ Այս գիշեր հնդկացիների կողմերից եկած մարդասպանների կատաղի մի խումբ պատրաստվում է գողանալ ձեր փախած նեգրին։ Նրանք փորձում են ահաբեկել ձեզ, որպեսզի դուք տանը մնաք և նրանց նեղություն չտաք։ Ես այդ խմբի անդամներից մեկն եմ, բայց կրոնական դաստիարակություն եմ ստացել․ ուզում եմ թողնել ավազակությունը և նորից վարել ազնիվ կյանք։ Ահա և հայտնում եմ նրանց դժոխային ծրագրերը։ Նրանք ցած կսողոսկեն հյուսիսային կողմից, ցանկապատի երկարությամբ, ուղիղ կեսգիշերին։ Ունեն հարմար բանալի․ կգնան նեգրի հյուղակը և նրան կտանեն։ Ես մի փոքր հեռու եմ կանգնելու և վտանգի դեպքում փող եմ փչելու։ Բայց դրա փոխարեն ոչխարի պես կմայեմ, հենց որ նրանք ներս մտնեն, և երբեք փող չեմ փչի։ Երբ նրանք կսկսեն շղթան քանդել, դուք թաքուն մոտեցեք։ Դուռը նրանց վրա կողպեք, որից հետո կարող եք նույնիսկ սպանել նրանց, եթե ցանկանաք։ Ոչինչ չձեռնարկեք, բացի այն միջոցներից, որ ես եմ ասում, այլապես նրանք կկասկածեն ինչ֊որ բանի վրա և աղմուկ կբարձրացնեն։ Ոչ մի հատուցում չեմ պահանջում։ Բավական է այն, որ վարմունքս ազնիվ է։

Անհայտ բարեկամ»։


Գլուխ քառասուներորդ

Նախաճաշից հետո մեզ շատ լավ էինք զգում։ Վերցնելով իմ նավակը, գնացինք ձուկ որսալու, մեզ հետ վերցրինք նաև ուտելիք և լավ ժամանակ անցկացրինք։ Գնացինք տեսնելու իմ լաստը և այն գտանք շատ լավ վիճակում։ Տուն վերադարձանք երեկոյան, ընթրիքի ժամանակ։ Տնեցիներն այնպես մտատանջ ու հուզված վիճակում էին, որ չգիտեին ինչ անել։ Երբ ընթրիքը վերջացրինք, մեզ անմիջապես ուղարկեցին քնելու և չուզեցին ասել, թե ինչ փորձանքի մեջ են ընկել։ Ոչ մի բառ չասացին նոր նամակի մասին։ Ասենք, դա մեզ պետք էլ չէր․ մենք դրան նույնքան էինք տեղյակ, որքան իրենք։ Հենց որ աստիճանների կեսը բարձրացանք, և մորաքույրը շուռ եկավ գնալու, մենք մտանք մառանը, մոտեցանք պահարանին, մեր գրպանները լցրինք ուտելիքներով ու պառկեցինք մահճակալների վրա։ Վեր կացանք ժամը տասնմեկնանց կեսին։ Թոմը հագավ մորաքույր Սալլիի զգեստը, որ գողացել էր, և մենք արդեն պատրաստ էինք ուտելիքներով իջնել ներքև։

― Որտե՞ղ է կարագը, ― հանկարծ հարցրեց նա։

― Ես մի ամբողջ կտոր հանեցի ու դրեցի եգիպտացորենի հացի վրա, ― պատասխանեցի ես։

― Ուրեմն՝ այնտեղ ես թողել, այստեղ չկա։

― Մենք առանց կարագի էլ յոլա կգնանք, ― ասացի ես։

― Իսկ կարագով ավելի լավ յոլա կգնանք, ― ասաց նա, ― վազիր մառանը և բեր։ Հետո իջիր շանթարգելով ու եկ ինձ մոտ։ Ես գնում եմ Ջիմի շորերը ծղոտով լցնելու, իբր թե դա նրա ծպտված մայրն է։ Ես պատրաստ կսպասեմ, և հենց որ երևաս, ոչխարի նման կմայեմ։

Այսպիսով նա դուրս գնաց, իսկ ես իջա մառանը։ Կարագի բռնցքաչափ կտորն ընկած էր այնտեղ, ուր թողել էի։ Եգիպտացորենի հացի շերտի հետ դա վերցրի, մոմը հանգցրի և գողեգող բարձրացա վերև։ Բարեհաջող տեղ հասա, բայց ահա երևաց մորաքույր Սալլին՝ մոմը ձեռքին։ Ես կարագն ու հացը արագ թաքցրի գլխարկիս մեջ և դրի գլխիս։ Հաջորդ վայրկյանին նա ինձ նկատեց․

― Մառանո՞ւմ էիր։

― Այո, տիկին։

― Ի՞նչ էիր անում։

― Ոչինչ։

― Ոչի՞նչ։

― Այո, ոչինչ։

― Խելքիդ ի՞նչ փչեց գիշերվա այս ժամին մտնել այնտեղ։

― Չգիտեմ, տիկին։

― Չգիտե՞ս։ Ինձ այդպես մի՛ պատասխանիր, Թոմ, ուզում եմ իմանալ, թե ի՛նչ էիր անում այնտեղ։

― Ոչ մի բան չէի անում, մորաքույր Սալլի, աստված վկա, ոչինչ չէի անում։

Կարծում էի, թե նա ինձ բաց կթողնի, ինչպես սովորաբար թողնում էր, բայց այժմ այդ տանն այնքան տարօրինակ բաներ էին տեղի ունենում, որ նա ամեն մի փոքրիկ բանից վախենում էր։ Ուստի չափազանց վճռական ձայնով ասաց․

― Գնա նախասենյակ և նստիր այնտեղ, մինչև ես գամ։ Դու ինչ֊որ բաներ ես անում, որ քեզ չեն վերաբերում։ Մինչև չիմանամ, քեզ բաց չեմ թողնի։

Երբ ես բաց արի նախասենյակի դուռը և ներս մտա, նա թողեց հեռացավ։ Բայց աստվա՜ծ իմ, այնտեղ հավաքվել էին տասնհինգ ագարակատերեր, և յուրաքանչյուրի ուսին հրացան կար։ Ես ուղղակի թուլացա, կուչ եկա ու նստեցի մի աթոռի վրա։ Նրանք նստել էին այս ու այն անկյունում։ Մի քանիսը երբեմն ցածրաձայն խոսում էին իրար հետ։ Բոլորն բարկացած ու անհանգիստ էին։ Թեև փորձում էին երևալ անվրդով, բայց ես գիտեի, թե ինչն ինչոց է․ շարունակ հանում էին գլխարկները, նորից դնում գլխներին, քորում գլուխները, փոխում տեղերը, քաշքշում կոճակները։ Ինքս էլ հանգիստ չէի, բայց միևնույն էր, գլխարկս հանել չէի կարող։

Ուզում էի, որ մորաքույր Սալլին շուտ գար և ինձ հետ հաշիվը փակեր։ Թող ծեծեր ինձ, եթե ուզում էր, միայն թե շուտ բաց թողներ, որ գնայի, Թոմին ասեի, թե մենք որքան երկար եփեցինք այս ճաշը և ինչ մեղվաբույն խառնեցինք։ Պետք է անմիջապես դադարեցնեինք այս խեղկատակությունները և փախչեինք Ջիմի հետ, նախքան այս հորձանքը, համբերությունից դուրս գալով, կխուժի մեզ վրա։

Վերջապես մորաքույր Սալլին եկավ և սկսեց հարցեր տալ ինձ, բայց ես չկարողացա ուղղակի պատասխանել։ Չգիտեի՝ ինչ ասեմ, որ հարմար լինի։ Մարդիկ այնպիսի անհանգիստ շարժումներ էին անում, որ մի քանիսը նույնիսկ ուզում էին իսկույն վեր կենալ և հետապնդել այդ կատաղի ավազակներին, ասելով, թե ընդամենը մի քանի րոպե է մնացել մինչև կեսգիշերը։ Մի մասն էլ ասում էր, թե պետք է համբերել, մինչև մայունով ազդանշան տրվի։ Մորաքույրն էլ ինձ էր հարցերով տանջում։ Ես դողում էի ամբողջ մարմնով և պատրաստ էի գետինը մտնել, այնքա՜ն վախեցել էի։ Սենյակը ավելի ու ավելի շոգեց, կարագն սկսեց հալչել ու հոսել վզիս վրայով ու ականջներիս ետևեով։ Շուտով, երբ այդ մարդկանցից մեկն ասաց, որ «պետք է հենց հիմա գնալ հյուղակը և սպասել ու բռնել նրանց, հենց որ ներս մտնեն», քիչ էր մնում ուշաթափվեի։ Հալված կարագի մի շիթ սկսեց ծորել իմ ճակատի վրայով։ Մորաքույր Սալլին տեսավ, սավանի պես սպիտակեց ու ասաց․

― Ի սե՜ր աստծո, ի՞նչ պատահեց տղային։ Երևի ուղեղի բորբոքում է․ ահա, ուղեղը դուրս է ծորում։

Բոլորը վազեցին տեսնելու ինձ, իսկ մորաքույրը վերցրեց գլխարկս։ Հացն ու կարագի մնացած մասը ցած ընկան։ Մորաքույրն ինձ գրկեց ասելով․― Օ՜, որ քա՜ն վախեցրիր ինձ, որքա՜ն ուրախ եմ, որ վատ բան չկա։ Առանց այն էլ գործերս ձախ են գնում։ Մեկ էլ տեսար՝ մի նոր փորձանք եկավ։ Հենց որ նայեցի քեզ, մտածեցի, թե կորած ես։ Գույնիցդ և ամեն ինչից ենթադրեցի, թե ուղեղդ է․․․ Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ չասացիր, որ դրա համար ես մառան գնացել․ ես քեզ ոչինչ չէի ասի։ Դե՛, փախի՛ր, գնա քնիր․ մինչև առավոտ քեզ չտեսնեմ։

Մի վայրկյանում արդեն վերևի հարկում էի։ Հաջորդ վայրկյանին շանթարգելով իջա ներքև և մթության մեջ սլացա դեպի կից հյուղակը։ Հազիվ էի կարողանում խոսել, այնքան հուզված էի։ Բայց կարողացածիս չափ արագ ասացի Թոմին, որ պետք է հեռանանք և ոչ մի րոպե կորցնել չի կարելի, տունը լցված է մարդկանցով և բոլորը հրացան ունեն։

Նրա աչքերը շողացին, և նա ասաց․

― Ո՛չ, մի՞թե այդպես է։ Հիանալի՜ է։ Եթե ես ստիպված լինեի ամեն ինչ նորից սկսել, գրազ կգամ, որ երկու հարյուր մարդ հավաքել կտայի։ Եթե կարողանայինք հետաձգել մինչև․․․

― Շտապի՛ր, շտապի՛ր, ― ասացի ես, ― ո՞ւր է Ջիմը։

― Ահա, կողքիդ է․ ձեռքդ պարզես, նրան կդիպչի։ Նա հագնվել է և ամեն ինչ պատրաստ է։ Այժմ պիտի ծլկենք և ես մայունի ազդանշան կտամ։

Բայց շուտով լսեցինք դռանը մոտեցող ոտնաձայներ, լսեցինք, թե ինչպես են կողպեքը այս ու այն կողմ շուռ տալիս։ Նրանցից մեկն ասաց․

― Ես ձեզ ասում էի, թե դեռ շուտ է, նրանք դեռ եկած չեն լինի․ դուռը փակ է։ Սպասեցեք, ես ձեզանից մի քանիսին կփակեմ հյուղակում, դուք թաքնվեք մթության մեջ․ կսպանեք նրանց, երբ գան։ Մնացածներդ ցրվեք մոտակայքում և ուշադիր հետևեք նրանց գալուն։

Նրանք մտան ներս, բայց մեզ տեսնել չէին կարող, մութ էր։ Մինչ մենք շտապում էինք մահճակալի տակ մտնել, նրանք այնքան մոտեցան, որ քիչ էր մնում տրորեին մեզ։ Բայց մենք հաջող կերպով սողացինք անցքի մեջ՝ արագ, բայց անաղմուկ, սկզբում Ջիմը, հետո ես և վերջում Թոմը։ Դա կատարվեց համաձայն Թոմի կարգադրության։ Այժմ մենք կից հյուղակում էինք և լսում էինք մոտիկից եկող ոտնաձայներ։ Սողացինք դեպի դուռը, Թոմն այնտեղ կանգնեցրեց մեզ և դռան ճեղքից նայեց դուրս, բայց ոչինչ չտեսավ, որովհետև մութ էր։ Նա շշուկով ասաց, թե պետք է ականջ դնի այնքան, մինչև ոտնաձայները հեռանան, և երբ արմունկով մեզ հրի, Ջիմը պետք է ամենից առաջ դուրս գա, իսկ ինքը ամենից վերջը։ Ականջը ճեղքին դրած՝լսեց։ Ամբողջ ժամանակ դրսում ոտնաձայները չէին դադարում։ Վերջապես նա արմունկով հրեց, և մենք դուրս թռանք։ Կուչ եկած և շնչներս պահած՝ գաղտագողի սահեցինք դեպի ցանկապատն ու տեղ հասանք բարեհաջող կերպով։ Ես ու Ջիմն արդեն բարձրացել էինք պատի վրա, բայց Թոմի անդրավարտիքը դեմ առավ ցանկապատի վերին ձողին։ Լսեցինք մեզ մոտեցող ոտնաձայն։ Թոմն ստիպված քաշեց անդրավարտիքը։ Ձողը ջարդվեց, և ճռռոց լսվեց։ Երբ Թոմն արդեն թռել էր ցած և հետևում էր մեզ, մեկը կանչեց․

― Այդ ո՞վ է։ Պատասխանիր, թե չէ կկրակեմ։

Բայց մենք չպատասխանեցինք և ամբողջ ուժով փախանք։ Ամբողջ բազմությունը ընկավ մեր ետևից․․․ Բո՜ւմ․․․ բո՜ւմ․․․ բո՜ւմ․․․ Գնդակները վզզալով սուրում էին մեր շուրջը։ Մենք լսում էինք մարդկանց գոռոցները։

― Ահա, այստեղ են, փախչում են դեպի գետը։ Նրանց ետևի՜ց, տղե՛րք, բա՛ց թողեք շները։

Նրանք ամբողջ թափով ընկան մեր ետևից։ Լսում էինք ոտքերի դոփյուն և գոռոցներ։ Բայց մենք ո՛չ կոշիկներ ունեինք մեր ոտքերին, ո՛լ էլ ձայն էինք հանում։ Մենք բռնեցինք սղոցարան տանող ճանապարհը։ Երբ նրանք բավական մոտեցան մեզ, թաքնվեցինք մացառների մեջ և թողեցինք, որ առաջ անցնեն։ Հետո վազեցինք նրանց ետևից։ Սկզբում նրանք բոլոր շները կապել էին, որպեսզի ավազակներին չվախեցնեն։ Բայց այժմ ինչ֊որ մեկն արձակել էր, և դրանք վազում էին ամբոխի ետևից ու այնպես էին հաչում, կարծեք մեկ միլիոն շուն կար։ Բայց դրանք մեր շներն էին, և մենք կանգ առանք ճանապարհին, մինչև հասան մեզ։ Երբ տեսան, որ միայն մենք ենք, և իրենց հուզմունք պատճառող բան չկա, բարեկամաբար շարժեցին պոչերն ու շարունակեցին ճանապարհը դեպի գոռոցն ու ճիչը։ Մենք նորից առաջ շարժվեցինք, մինչև հասանք սղոցարանի մոտերքը, ապա շուռ եկանք և թփուտների միջով հասանք այնտեղ, ուր թաքցրել էի մակույկս։ Արագ ներս ցատկեցինք և ամբողջ ուժով թիավարեցինք դեպի գետի մեջտեղը։ Դարձյալ ոչ մի ձայն չէինք հանում։ Հանգիստ շուռ եկանք դեպի այն կղզին, ուր թաքցրել էի իմ լաստը։ Երկար ժամանակ լսվում էր շների հաչոցը, որոնք գետափի երկարությամբ վեր֊վար էին վազում։ Շուտով այնքան հեռացանք, որ ձայները նվազեցին ու լռեցին։ Երբ ոտք դրինք լաստի վրա, ես ասացի․

― Այժմ, ծերունի Ջիմ, դու նորից ազատ մարդ ես, և այլևս ստրուկ չես լինի։

― Եվ որքա՜ն լավ էր սարքված, Հեք․ գեղեցիկ էր ծրագրված, գեղեցիկ էլ իրագործվեց։ Ոչ ոք չի կարող այդպիսի ծրագիր կազմել, որ այդքան բարդ լինի և այդպես փառավոր իրագործվի, ինչպես այս մեկը։

Մենք բոլորս շատ ուրախ էինք, բայց ամենից շատ Թոմն էր ուրախացել, որովհետև մի գնդակ խրվել էր նրա ծնկից ներքև, փափուկ մսի մեջ։ Երբ ես ու Ջիմը լսեցինք այդ, մեր ցնծությունը նվազեց։ Վերքը բավական նեղացնում էր նրան և արյուն էր հոսում։ Նրան պառկեցրինք լաստի տաղավարում և պատռեցինք դքսի շապիկներից մեկը վերքը կապելու համար։ Բայց Թոմն ասաց․

― Լաթի կտոր տվեք։ Ես ինքս կկապեմ։ Կանգ մի՛ առեք։ Իզուր ժամանակ մի՛ կորցրեք։ Փախուստը կատարվում է այսքա՜ն գեղեցիկ։ Լաստն արձակեք և ուժ տվեք թիերին։ Տղերք, մենք այս գործը հիանալի՜ գլուխ բերինք, հիանալի՜։ Ես կուզեի, որ Լյուդովիկոս XVI֊ը մեր ձեռքն ընկներ։ Այդ դեպքում նրա կենսագրության մեջ չէին գրի․ «Սուրբ Լյուդովիկոսի որդին երկինք համբարձվեց»։ Ո՛չ սըր, մենք նրան արտասահման կուղարկեինք։ Ահա թե ինչ կանեինք, և այն էլ ինչ ճարպկությամբ։ Ո՛ւժ տվեք թիերին, ո՛ւժ տվեք։

Բայց Ջիմն ու ես խորհրդակցում էինք ու մտածում։ Մեկ րոպե մտածելուց հետո ես ասացի․

― Խոսիր, Ջիմ։

Նա ասաց․

― Ասեմ, թե ինչ եմ մտածում, Հեք։ Եթե ազատվողը Թոմը լիներ, և մեզանից մեկը վիրավորված, մի՞թե նա կասեր, «Շարունակեք և փրկեցեք ինձ, վիրավորվածին փրկելու համար բժիշկ կանչելու կարիք չկա»։ Մի՞թե դա նման կլինի միստր Թոմ Սոյերին։ Այդպիսի բան նա կասե՞ր։ Կարող եմ գրազ գալ, որ չէր ասի։ Ուրեմն՝ Ջիմը կասի՞։ Ոչ, սըր, ես ոչ մի քայլ չեմ անի, մինչև այստեղ բժիշկ չգա, թեկուզ քառասուն տարի անցնի։

Ես գիտեի, որ նա հոգով սպիտակամորթ է և սպասում էի, որ կասի այն, ինչ ասաց։ Այժմ ամեն ինչ կարգին էր։ Ես Թոմին ասացի, որ գնում եմ բժիշկ հրավիրելու։ Նա մեծ աղմուկ բարձրացրեց, չէր համաձայնում, բայց ես ու Ջիմը համառեցինք, չուզեցինք տեղից շարժվել։ Թոմը դուրս սողաց և ինքն սկսեց լաստն արձակել։ Բայց մենք թույլ չտվեցինք։ Նա հանդիմանեց մեզ, բայց դա էլ չօգնեց։

Երբ տեսավ, որ ես պատրաստում եմ մակույկը, ասաց․

― Լավ, եթե ուզում ես անպայման գնալ, ես կասեմ, թե ինչպես ես վարվելու, երգ գյուղ հասնես։ Դուռը կփակես, բժշկի աչքերը լավ կկապես և երդվել կտաս, որ լուռ կմնա, ինչպես գերեզմանը։ Նրա ձեռքը կդնես մի քսակ ոսկի և ապա մթնով կառաջնորդես նրան խուլ նրբանցքներով։ Կբերես այստեղ նավակով և անուղղակի ճանապարհներով՝ պտտեցնելով կղզիների մեջ․ կխուզարկես, մոտից կվերցնես կավիճը և ետ չես տա, մինչև նրան նորից չվերադարձնես գյուղ, այլապես նա լաստի վրա նշան կանի և հետո կարող է նորից գտնել։ Բոլորն այդպես են անում։

Ես խոստացա այդպես անել ու հեռացա։ Ջիմը պետք է թաքնվեր անտառում, երբ նկատեր բժշկի գալը, և մնար այնտեղ, մինչև նա գնար։


Գլուխ քառասունմեկերորդ

Բժիշկը, որին ես հանեցի անկողնուց, հաճելի, բարի դեմքով մի ծերուկ էր։ Ասացի, որ ես ու եղբայրս երեկ կեսօրից հետո իսպանական կղզում որս էինք անում և գիշերելու համար իջանք մեր գտած մի լաստի բեկորի վրա։ Կեսգիշերին պետք է որ եղբայրս երազում ոտքով խփած լինի հրացանին։ Լսվեց կրակոց, և գնդակը կպավ նրա ոտքին։ Խնդրում ենք, որ բժիշկը գա, կապի վերքը և այդ մասին ոչ ոքի ոչինչ չասի, ոչ էլ այնպես անի, որ որևէ մեկն իմանա․ ուզում ենք այս երեկո վերադառնալ տուն և տնեցիներին անակնկալի բերել։

― Ովքե՞ր են ձեր տնեցիները, ― հարցրեց նա։

― Ֆելփսերը, այնտեղ, ագարակում։

― Օ՜, ― ասաց նա և մի րոպե հետո ավելացրեց․ ― Ասում ե ք՝ ինչպե՞ս է վիրավորվել։

― Երազ է տեսել, և դա է եղել վիրավորվելու պատճառը։

― Տարօրինակ երազ է, ― նկատեց նա։

Նա վառեց լապտերը, վերցրեց գործիքների պայուսակը, և ճանապարհ ընկանք։ Բայց երբ տեսավ մակույկը, դա նրան դուր չեկավ։ Ասաց, որ մի մարդու համար՝ ոչինչ։ Իսկ երկու հոգու համար ապահով չէ։ Ես ասացի․

― Վախենալու կարիք չկա, սըր, սրանով շատ հանգիստ նավարկել ենք երեքով։

― Երեքո՞վ։

― Դեհ, ես, Սիդը և․․․ և․․․ հրացանները։ Երրորդ ասելով նկատի ունեի հրացանները։

― Ա՜խ, այդպե՜ս, ― ասաց նա։

Նա ոտքը դրեց մակույկի եզրին, օրորեց այն և շարժեց գլուխը, ասելով, որ ինքը կաշխատի ավելի մեծը ճարել։ Բայց բոլոր նավակները շղթայով կապած ու կողպած էին։ Նա նստեց իմ մակույկը և ասաց, որ սպասեմ, մինչև ինքը վերադառնա լաստից, կամ գուցե կարողանամ ավելի մեծը ճարել, թերևս ավելի լավ է՝ գնամ տուն և տնեցիներին նախապատրաստեմ անակնկալին, եթե ուզում եմ։ Բայց ես ասացի, որ այդպես չեմ ուզում․ բացատրեցի, թե ինչպես գտնել լաստը, և նա գնաց։

Շուտով գլխումս մի միտք ծագեց։ Ինքս ինձ ասացի․ կարո՞ղ է Թոմի ոտքը կարգի բերել այնքան արագ, որ, ինչպես ասում են, ոչխարը երեք անգամ էլ դմակը չշարժի։ Իսկ եթե դա տևի երեք֊չորս օր, այդ դեպքում ի՞նչ ենք անելու։ Թոմն այդպես վայր է ընկնելու լաստի վրա, մինչև բժիշկը ամենուրեք տարածի՞ այդ լուրը։ Ոչ, դա անկարելի բան է։ Ես գիտեմ, թե ինչ պետք է անել։ Կսպասեմ, և երբ նա վերադառնա, ու ասի, թե ինքը մեկ էլ է այցելելու հիվանդին, այդ դեպքում ես էլ կգնամ հետը թեկուզ լող տալով։ Մենք կբռնենք նրան, կկապենք և մեզ հետ կտանենք գետով ներքև։ Երբ Թոմն այլևս նրա կարիքը չի ունենա, մենք կվճարենք և կթողնեք, որ ափ դուրս գա։

Ես սողացի փայտի դեզի մեջ փոքր֊ինչ քնելու։ Երբ արթնացա, արեգակը բարձրացել էր իմ գլխավերևը։ Ես վեր թռա և գնացի բժշկի տունը, բայց այնտեղ ինձ ասացին, որ նա գիշերը գնացել է հիվանդի մոտ և դեռ չի վերադարձել։ «Է՜հ, մտածեցի ես, դա ցույց է տալիս, որ Թոմի դրությունը լավ չէ։ Պետք է անմիջապես գնամ կղզին»։ Ես դուրս թռա, շուռ եկա փողոցի անկյունը, և գլուխս այնպես դիպավ հորեղբայր Սայլասի փորին, ինչպես խոյն է հարվածում։

― Թոմ, որտե՞ղ էիր այսքան ժամանակ, անպիտան։

― Ոչ մի տեղ, ― ասացի ես, ― ես ու Սիդն ընկել էինք փախստական նեգրի հետևից։

― Բայց որտե՞ղ էիք։ Ձեր մորաքույրը շատ անհանգիստ է, ― ասաց նա։

― Անհանգստանալու կարիք չկա, մենք շատ լավ ենք։ Մենք հետևում էինք մարդկանց ու շներին, բայց նրանք առաջ անցան, և մենք կորցրինք նրանց։ Մեզ թվաց, թե նրանց ձայնը լսում ենք գետի վրայից։ Մի մակույկ վարձեցինք ու հետևեցինք նրանց, անցանք գետը, բայց ոչ ոքի չգտանք։ Թիավարեցինք գետի ընթացքով վեր։ Այնքան հոգնեցինք ու ջարդվեցինք, որ մակույկը կապեցինք ու քնեցինք։ Արթնացանք միայն մեկ ժամ առաջ։ Ապա թիավարեցինք այս կողմ՝ լսելու, թե ինչ նորություն կա։ Սիդը գնաց փոստի գրասենյակը իմանալու, թե ինչ կա, ես էլ դուրս եկա, որ ուտելու բան ճարեմ։ Հետո գալու էինք տուն։

Գնացինք փոստի գրասենյակը «Սիդին» գտնելու, բայց, իհարկե, նա այնտեղ չէր։ Ծերունին մի նամակ ստացավ, և մենք մի փոքր սպասեցինք։ Բայց Սիդը չեկավ։ Այն ժամանակ ծերունին ասաց․ «Գնանք տուն, թող Սիդը ոտքով կամ նավակով գա, երբ կվերջացնի աննպատակ թափառելը, մենք ձիով կգնանք»։ Ես չկարողացա համոզել, որ մնամ ու սպասեմ Սիդին։ Նա ասաց, թե միտք չունի սպասել։ Պետք է իր հետ տուն գնամ, որպեսզի մորաքույր Սալլին տեսնի, որ մեզ ոչինչ չի պատահել։

Երբ տուն հասանք, մորաքույր Սալլին այնքան ուրախացավ, որ միաժամանակ և՛ ծիծաղում էր, և՛ արտասվում։ Նա ինձ գրկեց և մի թեթև ծեծ տվեց, որը ցավ էլ չպատճառեց։ Ասաց, որ նույնը կստանա նաև Սիդը, երբ վերադառնա։

Տունը լցված էր ագարակատերերով ու նրանց կանանցով։ Եկել էին ճաշի։ Ես այդպիսի աղմուկ ու շաղակրատանք կյանում երբեք չէի լսել։ Ամենավատը պառավ միսիս Հոչկինսն էր։ Այդ կնոջ լեզուն ոչ մի րոպե կանգ չէր առնում։ Նա ասում էր․

― Լավ, Ֆելփս քույրիկ, ես նայեցի հյուղակի բոլոր ծակուծուկը։ Իմ կարծիքով այդ նեգրը խելագար է եղել։ Այդպես էլ ասացի Դամբել քույրիկին։ Չասացի՞, Դամբել քույրիկ։ Խելագար է, այդպես էլ ասացի, հենց այդ բառերով։ Դուք բոլորդ լսեցիք, թե ինչ ասացի։ Այդ նեգրը խելագար է։ Ամեն ինչ այդ է ցույց տալիս։ Նայեցեք այդ ջրաղացքարին։ Կարիք չկա ասելու, որ առողջ մտքի տեր ոչ մի մարդ չի կարող ճանկռոտել այսպիսի մի ջրաղացքար և վրան այսքան ապուշ բաներ փորել, թե այստեղ փշրվել է նրա սիրտը, թե այստեղ նա ժրաջան աշխատել է երեսունյոթ տարի, որ իբր թե ինչ֊որ Լյուդովիկոսի ապօրինի զավակն է և նման անվերջ անհեթեթություններ։ Ես ասում եմ, որ այդ նեգրը կատարյալ խելագար է։ Ասել եմ սկզբում, նորից եմ ասել, նույնն ասում եմ այժմ և կասեմ հետագայում․ նա կատարյալ Նաբուգոդոնասոր[29] է։

― Ապա նայեցեք շորից պատրաստած սանդուղքին, Հոչքինս քույրիկ, ― մեջ ընկավ պառավ միսիս Դառնելը, ― բարի եղեք ասելու, թե ինչի՞ համար է նա դա պատրաստել։

― Նույն բառերը հենց նոր ասացի Օթթերբեք քույրիկին։ Նա ինքը ձեզ կասի։ «Նայեցեք այդ շորե սանդուղքին, ― ասաց նա, ― ես ասացի, այո, բայց դա նրա ինչի՞ն է պետք»։ Օթթերբեք քույրիկն էլ թե․

― Բայց այդ ջրաղացքարն ինչպե՞ս այդտեղ ընկավ, և ո՞վ փորեց այդ ստորերկրյա անցքը, ո՞վ․․․

― Հենց իմ խոսքերն են դրանք, եղբայր Փենրոթ․․․ Մեղրաջրի ամանն այս կողմը բերեք։ Հենց նոր Դընլեփ քույրիկին ասացի․ «Ինչպե՞ս այդ ջրաղացքարը տարան այնտեղ, առանց դրսի օգնության։ Ա՛յ թե որտեղ է գաղտնիքը։ Է՛լ մի ասեք։ Օգնել են, մեծ չափով օգնել, մի տասնյակ մարդ օգնել է այդ նեգրին։ Ես այստեղ մինչև վերջի նեգրի կաշին կքերթեի, մինչև պարզեի, թե ո՛վ է օգնել։

― Ասում եք՝ մի տասնյակ։ Քառասուն մարդ էլ չէին կարող անել այդ ամենը, որ կատարված է այստեղ։ Նայեցեք այդ դանակից շինած սղոցին ու մյուս բաներին։ Ի՞նչ տաղտկալի գործ, ինչպիսի՜ համբերությամբ է այդ բոլորն արված։ Նայեցեք մահճակալի սղոցած ոտքին, վեց մարդ մեկ շաբաթում հազիվ անի։ Նայեցեք մահճակալի վրա ծղոտից պատրաստած նեգրին և նայեցեք․․․

― Լավ եք ասում, եղբայր Հայթաուեր, նույնը ես ասացի եղբայր Ֆելփսին անձամբ։ Նա ասում է․ «Ի՞նչ եք մտածում այդ մասին, Հոչքինս, քույրիկ», ― ինչի՞ մասին, եղբայր Ֆելփս», ― ասում եմ ես։ «Մահճակալի ոտքն այդ ձևով սղոցելու մասին»։ Ի՞նչ եմ մտածում։ Ասում եմ, թե ոտքն ինքն իրեն չի սղոցվել, մեկը սղոցել է։ Իմ կարծիքն այդ է։ Կուզեք ընդունեք, կուզեք մի ընդունեք, իմ կարծիքն այդ է։ Եթե մի ուրիշն այլ կերպ է մտածում, դա նրա գործն է։ Ուրիշ ոչինչ։ Դըլնեփ քույրիկին ասում էի․․․

― Ա՜խ, այդ նեգրերը․․․ Պետք է որ չորս շաբաթ ամեն գիշեր մի տուն լիքը նեգրեր հավաքված լինեին այնտեղ, որպեսզի կատարեին այդ ամբողջ աշխատանքը, Ֆելփս քույրիկ։ Նայեցեք այդ շապկին, դրա յուրաքանչյուր մատնաչափը ծածկված է աֆրիկյան գաղտնի գրերով և գրված է արյամբ։ Պետք է որ այստեղ աշխատած լինի մի մեծ խումբ, և այն էլ գրեթե ամբողջ ժամանակ։ Ես ուրախությամբ երկու դոլար կտայի, եթե մեկն այդ կարդար ինձ համար։ Իսկ ինչ վերաբերում է այն նեգրերին, որ գրել են դա, ես կվերցնեի ու այնքան կմտրակեի, մինչև․․․

― Ասում եք, որ նրան օգնել են, եղբայր Մափլզ։ Կարծում եմ, այդպես էլ կկարծեիք, եթե այն ժամանակ այս տանը լինեիք։ Նրանք գողացել են այն ամենը, ինչ ձեռքներն է ընկել, իսկ մենք էլ ամբողջ ժամանակ հսկել ենք, լսո՞ւմ եք։ Նրանք հենց այս շապիկը թռցրել են պարանի վրայից։ Իսկ ինչ վերաբերում է սավանին, որից սանդուղք են շինել, չեմ կարող ասել, թե քանի անգամ են թռցրել։ Նույնը կարելի է ասել ալյուրի, մոմերի, մոմակալների, գդալների, հին տապակի և հազար ու մի բաների մասին, այն ժամանակ, երբ ես, Սայլասը, իմ Սիդն ու Թոմը գիշեր֊ցերեկ հսկել ենք, ինչպես ասացի քիչ առաջ, և մեզանից ոչ մեկը չի կարողացել ո՛չ նրանց մաշկը բռնել, ո՛չ էլ մաղը, ո՛չ էլ տեսել է կամ լսել նրանց ձայնը։ Եվ ահա, վերջին րոպեին, լսո՞ւմ եք, նրանք փախչում են մեր քթի տակից, հիմարացնում են մեզ, և ոչ միայն մեզ, այլև հնդկական տերիտորիայից եկած ավազակների մի ամբողջ խմբի և ապահով փախչում նեգրի հետ, այն էլ այն ժամանակ, երբ նրանց կրնկակոխ հետապնդում էին տասնվեց տղամարդ և քսան շուն։ Ասում եմ, որ ես մինչև օրս ոչ մի բան ո՛չ տեսել էի, ո՛չ լսել։ Ոգիները չէին կարող ավելի լավ և ավելի սրամիտ ձևով կատարել։ Եվ ես կարծում եմ, որ դրանք պետք է ոգիներ լինեին։ Դե դուք գիտեք, թե ինչ շներ ունենք։ Ոչ ոք ավելի լավ շուն չունի։ Բայց թե շները չկարողացան գտնել նրանց հետքը։ Դե՛հ, ձեզնից մեկը թող ինձ բացատրի այս բանը։

― Այո, դա․․․

― Աստվա՜ծ իմ, ես երբեք․․․

― Տե՜ր ողորմյա, ես չէի ուզում․․․

― Տնային գողեր, ինչպես և․․․

― Ի սեր աստծո․ ես կվախենայի ապրել այս տանը։

― Կվախենայինք։ Այո, այնպես էի ահաբեկվել, որ չէի կարողանում անկողին մտնել կամ վեր կենալ, նստել, պառկել, Ռիջուեյ քույրիկ։ Ինչպե՞ս չեն գողացել հենց․․․ Աստվա՜ծ իմ, երևակայեցեք, թե ինչպես հուզվեցի, երբ երեկ կեսգիշերը մոտենում էր։ Վախենում էի, թե ընտանիքի անդամներից մեկին կգողանան։ Այնտեղ էի հասել, որ համարյա կորցրել էի դատողությունս։ Այժմ, երբ ցերեկ է, դա հիմարություն է թվում։ Մտածում էի, որ իմ խեղճ երկու տղաները քնած են վերևում, երկուսով, առանձին սենյակում։ Աստված վկա, այնքան անհանգիստ էի, որ բարձրացա վեր ու դուռը կողպեցի նրանց վրա։ Այո, կողպեցի։ Ով իմ տեղը լիներ, այդպես կաներ։ Դե, գիտեք, երբ մարդ այդպես վախեցած է լինում և վախն էլ շարունակվում և ավելի ու ավելի խորանում է, գլխում ամեն ինչ խառնվում է։ Նա արդեն ամեն տեսակի տխմարությունների դիմում է, մտածելով, թե ինչպե՞ս կլիներ, եթե ինքն էլ մի տղա լիներ, վերևում մենակ քնած, դուռն էլ բաց։

Նա կանգ առավ, ինչ֊որ բանի մասին մտածելով, ապա դանդաղ պտտեցրեց գլուխը, և երբ աչքերը հանդիպեցին իմ աչքերին, ես վեր թռա ու գնացի զբոսնելու։ Զբոսանքի ժամանակ ինքս ինձ ասում էի, որ կարող եմ բացատրել, թե ինչու առավոտյան սենյակում չէինք, եթե առանձնանամ ու մի փոքր մտածեմ այդ հարցի մասին։ Այդպես էլ արեցի։ Բայց հեռու չգնացի, որովհետև կարող էին մեկին ուղարկել ինձ որոնելու։ Երբ կեսօրն անցել էր, և բոլորը գնացել էին, ես եկա ու պատմեցի, որ իբր աղմուկն ու կրակոցները ինձ ու «Սիդին» արթնացրին։ Դուռը փակ էր, իսկ մենք ուզում էինք տեսնել, թե ինչ է տեղի ունենում։ Վայր իջանք շանթագրելի ձողով։ Երկուսս էլ մի քիչ վնասվեցինք և որոշեցինք այլևս փորձ չանել դրանով իջնել։ Այնուհետև ես շարունակեցի պատմել այն, ինչ արդեն ասել էի հորեղբայր Սայլասին։ Մորաքույր Սալլին, լսելով պատմությունս, ասաց, որ ներում է մեզ և գուցե բոլոր դեպքերում էլ դա ճիշտ է․ մոտավորապես վարվել ենք այնպես, ինչպես կարելի էր սպասել տղաներից։ Չէ՞ որ բոլոր տղաները, որքան ինքը գիտե, որոշ չափով թեթևսոլիկ են։ Եվ քանի որ մեր գլխին փորձանք չէր եկել և ինքը մեզանից չէր զրկվել, ուրեմն՝ պետք է գոհություն հայտներ աստծուն, և ոչ թե հուզվեր ու բարկանար անցած֊գնացածի պատճառով։ Նա համբուրեց ինձ, շոյեց գլուխս և տարվեց ինչ֊որ մռայլ մտածմունքներով։ Շուտով վեր թռավ ու ասաց․

― Տե՜ր աստված, մութն ընկնում է, և Սիդը դեռ չի եկել։ Ի՞նչ պատահեց այդ տղային։

Ես տեսա, որ ծլկելու առիթը եկել է, ուստի վեր ցատկեցի ու ասացի․

― Վազեմ քաղաք և գտնեմ նրան, մորաքույր։

― Ոչ, մի՛ գնա, տեղումդ մնա, մեկի կորուստն էլ բավական է։ Եթե ընթրիքին տանը չեղավ, Սայլասը կգնա։

Ընթրիքին Թոմը, իհարկե, չեկավ։ Ընթրիքից անմիջապես հետո հորեղբայրը գնաց։

Նա վերադարձավ ժամը տասի մոտ՝ մի փոքր անհանգիստ։ Նա Թոմի հետքն էլ չէր գտել։ Մորաքույր Սալլին շատ անհանգստացավ, բայց հորեղբայր Սայլասն ասաց, որ անհանգստանալու կարիք չկա․ «Տղան տղա պիտի լինի, և կտեսնես, որ առավոտյան կերևա, ողջ և առողջ»։ Մորաքույրը ստիպված էր դրանով բավականանալ, բայց ասաց, որ քիչ էլ կսպասի և լույսը վառ կթողնի, որ տղան նկատի։

Այնուհետև, երբ ես գնացի քնելու, նա ինձ հետ բարձրացավ վեր և վերցրեց մոմը, լավ ծածկեց ինձ վերմակով և այնպես մայրաբար փայփայեց, որ ես ինձ զգացի մի տեսակ նվաստացած և չէի կարողանում նայել նրա դեմքին։ Մորաքույրը նստեց մահճակալի ծայրին և երկար խոսեց ինձ հետ, ասելով, թե ինչ սքանչելի տղա է Սիդը։ Սիդի մասին խոսելուց չէր կշտանում։ Շուտ֊շուտ հարցնում էր, թե, իմ կարծիքով, կարո՞ղ է նա կորած կամ վնասված, գուցեև խեղդված լինել։ Գուցեև այժմ մի տեղ ընկած տառապում է կամ արդեն մեռած է, և ինքը նրա կողքին չէ, չի կարող օգնել։ Արցունքները լուռ գլորվում էին նրա աչքերից։ Ես պատասխանում էի, որ Սիդին ոչինչ պատահած չի լինի, որ նա, անկասկած, առավոտյան տանը կլինի։ Մորաքույրն այս բառերը լսելիս սեղմում էր ձեռքս կամ համբուրում ու ասում, որ կրկնեմ այդ խոսքերը։ Դրանք հանգստացնում էին նրան, իսկ նա այնքա՜ն անհանգիստ էր։ Հեռանալիս մորաքույրը նայեց աչքերիս, այնպե՜ս անթարթ ու քնքուշ, և ասաց․

― Դուռը չեմ փակի, Թոմ։ Ահա պատուհանը, շանթարգելը, բայց դու խելոք տղա կլինես, չէ՞, չես գնա, ի սեր ինձ։

Սակայն ես շատ էի ուզում գնալ․ ուզում էի իմանալ, թե ինչպես է Թոմը։ Մտադիր էի անպայման գնալ։ Դրանից հետո չէի գնա, թեկուզ մի ամբողջ թագավորություն տային։

Մորաքույր Սալլին մտքիցս չէր հեռանում, Թոմը՝ նույնպես։ Ես շատ անհանգիստ քնեցի։ Գիշերը երկու անգամ շանթարգելով իջա ներքև, շրջեցի տան չորս կողմը և տեսա մորաքրոջը՝ պատուհանի մոտ, մոմի առջև նստած, արտասվալի աչքերը ճանապարհին ուղղած։ Ես ուզում էի նրա համար մի բան արած լինել, բայց չէի կարող։ Ես կարող էի միայն երդվել, թե այլևս չեմ անի այնպիսի բան, որը նրան վշտացնի։ Երրորդ անգամ արթնացա լուսադեմին և սահեցի ներքև։ Մորաքույրը դեռ այնտեղ էր։ Մոմը գրեթե սպառվել էր, և նրա ալեհեր գլուխը հանգչում էր ձեռքերի վրա։ Քնել էր։


Գլուխ քառասուներկուերորդ

Ծերունին ճաշից առաջ նորից գնաց քաղաք, բայց Թոմի վերաբերյալ ոչինչ չէր իմացել։ Նրանք երկուսն էլ սեղանի առջև նստած՝ լուռ մտածում էին, ոչ ուտում էին, ոչ խմում։ Վերջապես ծերունին ասաց․

― Քեզ տվեցի՞ նամակը։

― Ի՞նչ նամակ։

― Այն, որ երեկ փոստի գրասենյակից ստացա։

― Ոչ, ինձ նամակ չես տվել։

― Ուրեմն՝ մոռացել եմ։

Նա որոնեց գրպաններում և ապա գնաց ինչ֊որ տեղ, ուր դրել էր նամակը, բերեց այն ու տվեց կնոջը։ Կինն ասաց․

― Օ՜, Սանկտ֊Պետերբուրգից է, քրոջիցս։

Ես մտածում էի, թե վատ չի լինի՝ մեկ էլ զբոսնելու գնալ, բայց չկարողացա տեղիցս շարժվել։ Նամակը դեռ չբացած, մորաքույրն այն վայր գցեց ու վազեց դուրս․ պատուհանից ինչ֊որ բան էր տեսել։ Ես հետևեցի նրան։ Դա Թոմ Սոյերն էր՝ ներքնակի վրա պառկած։ Տեսա և ծեր բժշկին։ Նրանց հետ էր Ջիմը՝ մորաքույր Սալլիի չթե զգեստը հագած, ձեռքերը մեջքին կապած։ Գալիս էր նաև մի հոծ բազմություն։ Ես նամակը թաքցրի առաջին պատահած իրի տակ ու դուրս վազեցի։ Մորաքույր Սալլին, լաց լինելով, նետվեց Թոմի կողմը։

― Օ՜, մեռել է, մեռե՜լ, գիտեմ, մեռե՜լ է։

Թոմը մի փոքր շուռ տվեց գլուխը և ինչ֊որ անկապ բառեր մրմնջաց։ Դա ցույց էր տալիս, որ նա նորմալ վիճակում չէ։ Մորաքույրը բարձրացրեց ձեռքերն ու ասաց․

― Կենդանի է, փա՜ռք աստծո։ Այդքանը բավական է։

Նա համբուրեց Թոմին ու վազեց տուն՝ անկողին պատրաստելու, յուրաքանչյուր քայլափոխում նեգրերին ու բոլորին աջ ու ձախ արագ֊արագ հրամաններ տալու, որքան լեզուն կարող էր պտտվել բերանում։

Ես հետևում էի մարդկանց, տեսնելու, թե ինչ են անելու Ջիմին։ Ծեր բժիշկն ու հորեղբայր Սայլասը հետևեցին Թոմին, երբ նրան տարան ներս։ Մարդիկ չափազանց զայրացած էին։ Մի քանիսն ուզում էին կախել Ջիմին՝ որպես օրինակ տեղի նեգրերի համար, որպեսզի նրանք փախչելու փորձ չանեն, ինչպես արել էր Ջիմը, առաջացնելով այդքան իրարանցում և մի ամբողջ ընտանիք գիշեր֊ցերեկ պահելով սարսափի մեջ։ Մի քանիսն էլ ասում էին, թե չպետք է կախել, դա բոլորովին էլ նպատակահարմար չէ․ նա իրենց նեգրը չէ, և տերը կարող է ներկայանալ ու, անկասկած, ստիպել, որ իրենք վճարեն նրա համար։ Դա մասամբ մեղմեց նրանց զայրույթը, որովեհետև այն մարդիկ են միշտ ամենից շատ ուզում օրինազանց նեգրին կախել, որոնք ամենից քիչ ցանկություն ունեն այդ հաճույքը ստանալուց հետո վճարել նրա համար։ Նրանք շատ էին հայհոյում Ջիմին և հաճախ մեկ֊երկու հարված հասցնում գլխին, բայց Ջիմը ոչինչ չէր ասում։ Ցույց էլ չտվեց, թե ինձ ճանաչում է։ Նրան տարան նույն հյուղակը, հագցրին իր շորերը, նորից կապեցին շղթայով և այս անգամ ոչ թե մահճակալի ոտից, այլ մի մեծ սյունից, շղթայեցին նաև ձեռքերն ու երկու ոտքերը։ Ասացին, որ բացի հացից ու ջրից ոչինչ չի ստանա, մինչև տերը գա, կամ իրեն վաճառեն աճուրդով, եթե տերը որոշակի ժամանակից հետո չգա։ Ապա լցրին մեր փորած անցքը և ասացին, որ յուրաքանչյուր գիշեր երկու ագարակատեր հրացաններով պահակություն են անելու հյուղակի մոտ, իսկ ցերեկը դռան առաջ կապելու են մի բուլդոգ։ Երբ վերջացրին ամեն ինչ և հեռանում էին հրաժեշտի ընդհանուր հայհոյանքներով, ծեր բժիշկը մոտեցավ նրանց, նայեց այդ տեսարանին ու ասաց․

― Այդքան խիստ մի՛ վարվեք նրա հետ։ Նա վատ նեգր չէ։ Երբ ես հասա այնտեղ, որտեղ գտա տղային, տեսա, որ չեմ կարող գնդակը հանել առանց մեկի օգնության։ Իսկ տղան այնպիսի վիճակում էր, որ չէի կարող գնալ և մեկին օգնության կանչել։ Նրա դրությունը ավելի ու ավելի վատանում էր։ Երկար ժամանակ նա զառանցեց և այլևս թույլ չէր տալիս, որ մոտենամ։ Ասում էր, որ եթե կավճով նախշեմ իր լաստը, կսպանի ինձ։ Մի խոսքով, անմիտ֊անմիտ զառանցում էր։ Տեսա, որ մենակ ոչինչ չեմ կարող անել, ասացի, որ պետք է մի կերպ օգնող ճարեմ։ Հենց որ արտասանեցի այս բառերը, ինչ֊որ տեղից դուրս սողաց նեգրը և ասաց, որ ինքը կօգնի։ Եվ իսկապես օգնեց, այն էլ շատ լավ։ Ես, իհարկե, ենթադրեցի, որ նա փախած նեգր է և ստիպված եղա օրվա մնացած մասն ու ամբողջ գիշերը մեխվել այնտեղ։ Ինչպիսի՜ դժվար կացություն։ Քաղաքում տենդով բռնված երկու հիվանդ ունեի, և, իհարկե, կուզենայի շտապ վերադառնալ, տեսնել նրանց, բայց չեկա, որովհետև նեգրը կարող էր փախչել, և ինձ կմեղադրեին դրա համար, իսկ գետի վրա ոչ մի նավակ այնքան մոտ չեկավ, որ կանչեի։ Հարկ եղավ սպասել մինչև առավոտ։ Ես երբեք չեմ տեսել մի նեգրի, որը այդպես խնամեր հիվանդին ու ավելի հավատարիմ լիներ, եթե դրանով վտանգի էր ենթարկում իր ազատությունը։ Միաժամանակ ես պարզ նկատում էի, որ նա վերջին ժամանակները շատ տանջվել և կատարյալ ուժասպառ է եղել։ Դրա համար էլ ես սիրեցի այս նեգրին։ Կարող եմ ասել, ջենտլմեններ, որ այսպիսի նեգրը հազար դոլար արժե, ինչպես և արժանի է սիրալիր վերաբերմունքի։ Ինձ մոտ կար այն ամենը, ինչի կարիքն ունեի, և տղան խնամվում էր նույնքան լավ, որքան տանը, գուցեև ավելի լավ, որովհետև այնտեղ շատ խաղաղ էր։ Բայց ես մնացի այնտեղ, և երկուսն էլ իմ հսկողության տակ էին։ Սպասեցի գրեթե մինչև լուսաբաց։ Մեր մոտով անցավ մի նավակ։ Մեջը մի քանի մարդ կար։ Բարեբախտաբար, նեգրն այդ պահին նստած էր հարդանկողնու վրա, գլուխն իջեցրած ծնկներին ու խորը քնած։ Ես կամացուկ նշան արի նրանց, և նրանք աննկատ վրա պրծան, ամուր բռնեցին ու կապեցին, նախքան նա իմացավ, թե ինչ է տեղի ունենում, և մենք ոչ մի նեղություն չկրեցինք։ Տղան նույնպես քնած էր, թեև անհանգիստ։ Թիակները փաթաթեցինք շորով՝ ձայնը խլացնելու համար, լաստը կապեցինք նավակից և կամաց քաշեցինք դեպի քաղաք։ Նեգրը սկզբից մինչև վերջ ոչ մի բառ չարտասանեց և բոլորովին չդիմադրեց։ Նա վատ նեգր չէ, ջենտլմեններ, իմ կարծիքը նրա մասին այդ է։

Մեկն ասաց․

― Այո, պետք է ասել, որ այդ բոլորը շատ դուրեկան բաներ են։

Այնուհետև մյուսներն էլ մասամբ մեղմացան, և ես շատ շնորհապարտ մնացի այդ ծեր բժշկին Ջիմի մասին այդպես բարեխոսելու համար։ Ուրախ էի, որ բժշկի ասածները չէին տարբերվում Ջիմի մասին իմ ունեցած կարծիքից։ Ես միշտ էլ մտածել եմ, որ նա բարի սիրտ ունի։ Առաջին իսկ հանդիպումից նա ինձ վրա լավ մարդու տպավորություն է թողել։ Բոլորն էլ ընդունում էին, որ Ջիմը լավ է վարվել, արժանի է ուշադրության և պարգևատրման։ Բոլորը սրտանց խոստացան այլևս չհայհոյել նրան։

Ապա դուրս եկան հյուղակից ու փակեցին դուռը։ Ես հույս ունեի, թե շղթաներից մեկը կամ երկուսը կպակասեցնեն, որովհետև դրանք սարսափելի ծանր էին, կամ հացի ու ջրի հետ միս ու կանաչեղեն էլ կտան։ Բայց այդ մասին նրանք չմտածեցին, իսկ իմ միջամտությունը համարում էի սխալ։ Սակայն որոշեցի բժշկի պատմածները այս կամ այն ձևով հասցնել մորաքույր Սալլիին, հենց որ ազատվեի ինձ վրա խուժող ալիքներից ու ծանծաղուտ դուրս գայի, այսինքն՝ բացատրեի, թե ինչպես մոռացա հայտնել, որ Սիդը վիրավորված է, երբ, իբր թե, ես ու նա այդ ահավոր գիշերը մակույկ նստած որոնում էինք փախած նեգրին։

Բայց ես դրա համար շատ ժամանակ ունեի։ Մորաքույր Սալլին գիշեր֊ցերեկ չէր հեռանում հիվանդի սենյակից, և ամեն անգամ, երբ տեսնում էի հորեղբայր Սայլասին, ծլկում էի։

Հաջորդ առավոտյան լսեցի, որ Թոմը բավական լավացել է, և մորաքույր Սալլին գնացել է մի փոքր քնելու։ Ես ինձ գցեցի հիվանդի սենյակը, մտածելով, որ եթե նրան արթուն գտնեմ, ապա կկարողանանք մեր մեղքը քավող մի պատմություն հորինել։ Բայց նա հանգիստ քնած էր։ Դեմքը գունատ էր և այնպես չէր այրվում, ինչպես առաջին օրը, երբ բերին։ Նստեցի ու սպասեցի, մինչև արթնանար։ Մոտավորապես կես ժամ հետո մորաքույր Սալլին կամաց մտավ սենյակ, և ես նորից լուռ նստեցի ինչպես կոճղ։ Նա ձեռքի շարժումով ինձ հասկացրեց, որ ձայն չհանեմ, նստեց իմ կողքին ու սկսեց շշունջով ասել, որ մենք բոլորս այժմ կարող ենք ուրախ լինել․ բոլոր լավ նշանները կան։ Թոմը երկար ժամանակ այդպես հանգիստ քնած է և ավելի ու ավելի լավ է երևում։ Կարելի է վստահ ասել, որ կարթնանա լիովին սթափված։

Մենք նստած՝ դիտում էինք Թոմին։ Շուտով նա մի փոքր շարժվեց, շատ բնական ձևով բացեց աչքերը, նայեց շուրջն ու ասաց․

― Օ՜, տանն եմ ես։ Ինչպե՞ս եկա։ Որտե՞ղ է լաստը։

― Ամեն ինչ լավ է, ― ասացի ես։

― Իսկ Ջի՞մը։

― Նույնպես, ― ասացի ես, բայց ոչ հաստատ եղանակով։ Նա այդ չնկատեց ու ասաց․

― Լավ է, սքանչելի։ Այժմ մենք շատ լավ ենք ու ապահով։ Մորաքրեոջն ասացի՞ր։

Ուզում էի ասել «այո», բայց մորաքույրը մեջ ընկավ ու ասաց․

― Ինչի՞ մասին, Սիդ։

― Այն եղանակի մասին, որով կատարվեց այս ամբողջը։

― Ի՞նչը։

― Ամբողջ գործը, մեկից բացի, ուրիշ գործ չկա, պատմե՞ց, թե ինչպես փախած նեգրին ազատ արձակեցինք ես ու Թոմը։

― Տե՜ր աստված։ Ազատ արձակեցիք փախած․․․ Ինչի՞ մասին է այս երեխան խոսում։ Նորից զառանցում է, աստվա՜ծ իմ։

― Ոչ, չեմ զառանցում։ Ես հասկանում եմ, թե ինչի մասին եմ խոսում։ Մենք նրան ազատ արձակեցինք, ես ու Թոմը։ Մենք որոշել էինք, արեցինք և արեցինք արժանավայել ձևով։

Թոմն սկսեց պատմել, իսկ մորաքույրը երբեք չընդհատեց նրան։ Ամբողջ ժամանակ նստած ու աչքերը չռած, թույլ տալով, որ շարունակի։ Ես տեսնում էի, որ իմաստ չուներ մեջ ընկնել։

― Բայց, մորաքույր, այդ գործը մեզ վրա շատ ծանր նստեց։ Մենք աշխատեցինք շաբաթներով, ժամ առ ժամ, ամեն գիշեր, այն ժամանակ, երբ դուք բոլորդ քնած էիք։ Հարկ եղավ գողանալ մոմեր, սավան, շապիկ, ձեր զգեստը, գոգնոցներ, թիթեղյա ամաններ, սեղանի դանակներ, տապակ, ջրաղացքար, այլուր և բազմաթիվ այլ բաներ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան չարչարվեցինք սղոցներ, տապակներ, մակագրություններ ու այս կամ այն բանը պատրաստելու համար։ Կիսով չափ էլ չեք կարող պատկերացնել, թե որքան զվարճալի էր այդ։ Հարկ եղավ դագաղների ու այլ բաների նկարներ պատրաստել, անանուն նամակներ գրել իբր թե ավազակների կողմից, շանթարգելով բարձրանալ վեր, իջնել ցած, դեպի հյուղակը ստորերկրյա ճանապարհ փորել, պարանից սանդուղք շինել և հասցնել Ջիմին կարկանդակի խմորի մեջ դրած, գդալներն ու այն իրերը, որոնցով աշխատելու էր նա, ուղարկում էինք ձեր գոգնոցի գրպանը դրած․․․

― Ողորմա՜ծ տեր։

― ․․․ մենք հյուղակը լցրել էինք առնետներով, օձերով ու այլ արարածներով, որ Ջիմն ընկերներ ունենա։ Դուք Թոմին այնքան պահեցիք այստեղ՝ կարագը գլխարկի մեջ, որ քիչ էր մնում ամբողջ գործը փչացնեինք, որովհետև մարդիկ հյուղակ եկան, երբ մենք այնտեղից դեռ չէինք հեռացել։ Ստիպված եղանք աճապարել, մեզ լսեցին, ընկան մեր ետևից, և ես էլ ստացա իմ բաժինը։ Մենք դուրս եկանք ճանապարհից և թույլ տվինք, որ նրանք առաջ անցնեն։ Իսկ շները, երբ եկան, մեզ ուշադրություն չդարձրին, վազեցին այն ուղղությամբ, որտեղ աղմուկը մեծ էր։ Մենք էլ նստեցինք մեր մակույկն ու թիավարեցինք դեպի լաստը, և ամեն ինչ ապահով էր, Ջիմը դարձավ ազատ մարդ։ Այդ բոլորը մենք արինք և ճարպկորեն կատարեցինք, չէ՞, մորաքույր։

― Իսկապես, իմ կյանքում նման բան երբեք չէի լսել։ Ուրեմն՝ դուք, փոքրիկ սրիկաներդ եք եղել այս ամբողջ նեղության պատճառը, բոլորին գժվեցնողները, մահվան աստիճանի վախեցնողները։ Այժմ ավելի քան երբևէ տրամադիր եմ հենց այս րոպեին ձեզ խելքի բերելու։ Պատկերացրու․ այստեղ քանի՜ գիշեր․․․ Սպասի՜ր, փոքրիկ անպիտան, լավացիր դեռ, ես ձեզ այնպես ջարդեմ, որ ձեր միջից սատանան դուրս գա։

Բայց Թոմն այնպես հպարտ և ուրախ էր, որ չէր կարող լեզուն փակել։ Խոսո՜ւմ էր ու խոսում, իսկ մորաքույրը բարկանում էր, իրեն կորցնում։ Երկուսն էլ խոսում էին միաժամանակ։ Կարծես կատուների ժողով լիներ։ Մորաքույրն ասաց․

― Լավ, հիմա դու լրիվ ուրախացիր արածիդ համար, բայց տես, եթե դու մեկ էլ խառնվես նրա գործին․․․

― Խառնվել ո՞ւմ գործին, ― ասաց Թոմը, ժպիտը թողնելով ու զարմացած նայելով նրան։

― Ո՞ւմ, փախած նեգրի գործին, հապա էլ ո՞ւմ։

Թոմը չափազանց լուրջ նայեց ինձ ու ասաց․

― Թոմ, հենց նոր չասացի՞ր, թե ամեն ինչ կարգին է։ Մի՞թե նա չի փախել։

― Նա՝ փախած նեգրը, ― ասաց մորաքույր Սալլին, ― իհարկե, չի փախել։ Նրան ողջ և առողջ ետ են բերել։ Նա նորից նույն հյուղակում է, տալիս են միայն հաց ու ջուր։ Շղթայակապ կմնա, մինչև տերը պահանջի կամ վաճառի աճուրդով։

Թոմն անմիջապես վեր ելավ, նստեց անկողնում, աչքերը բոցավառվեցին, ռունգերը խռիկների նման բաց ու խութ եղան։ Նա բարձրարաձայն գոչեց․

― Նրանք Ջիմին բանտարկելու իրավունք չունեն։ Շո՛ւտ, առանց մի րոպե կորցնելու շտապի՛ր և ազա՛տ արձակիր․ նա այլևս ստրուկ չէ, ազատ է, ինչպես ամեն արարած, որ քայլում է երկրի վրա։

― Ի՞նչ է դա նշանակում, տղաս։

― Այն, ինչ նշանակում է իմ ասած ամեն մի բառը, մորաքույր Սալլի։ Եթե ոչ ոք չկա, որ գնա ազատ արձակի նրան, ես կգնամ։ Ես գիտեմ նրա ամբողջ կյանքը, նույնպես և Թոմը։ Պառավ միսս Ուոթսոնը մեռավ երկու ամիս առաջ։ Նա ամաչում էր, որ ուզում էր Ջիմին գետով ուղարկել ցած ու վաճառել։ Նա այդպես էլ ասել էր և իր կտակում ազատություն է տվել Ջիմին։

― Այդ դեպքում, ինչո՞ւ էիր ուզում նրան ազատել, երբ գիտեիր, որ նա արդեն ազատ է։

― Ահա քեզ հարց, և դա որքա՜ն հատուկ է կանանց։ Ուզում էի միայն նրա համար, որ ես սիրում եմ արկածներ, և պատրաստ էի մինչև վիզս թաղվել արյան մեջ․․․ Ա՜խ, աստվա՜ծ իմ, մորաքույր Պո՜լլին։

Կործանվեմ, եթե այդ րոպեին մորաքույր Պոլլին չկանգնեց դռան շեմքին, բարեհամբույր ու գոհ, ինչպես հրեշտակը։

Մորաքույր Սալլին նետվեց ընդառաջ, և այնպես ամուր գրկեց գլուխը, որ քիչ էր մնում տեղից հաներ։ Սկսեց լաց լինել։ Ես ինձ համար մի հարմար տեղ գտա մահճակալի տակ։ Զգացի, որ մեր գլխին փոթորիկ է գալու։ Երբեմն թաքուն նայում էի նրանց։ Թոմի մորաքույր Պոլլին ազատվեց քրոջ գրկից և կանգնեց, ակնոցի վերևով այնպես նայելով Թոմին, կարծես ուզում էր փոշի դարձնել նրան։

― Այո, ավելի լավ է երեսդ շուռ տաս։ Քո տեղը լինեի, այդպես կանեի, Թոմ։

― Օ՜, աստվա՜ծ իմ, ― ասաց մորաքույր Սալլին, ― մի՞թե նա այնքան փոխվել է։ Չէ՞ որ սա Թոմը չէ, Սիդն է, Թոմը․․․ Թոմը հենց նոր այստեղ էր, ո՞ւր կորավ։

― Ուզում ես ասել, որտեղ է Հեք Ֆի՞ննը։ Կարծում եմ, ես այնպիսի մի անպիտանի, ինչպիսին Թոմն է, չեմ խնամել այսքան տարի, որպեսզի տեսնելիս չճանաչեմ։ Ա՜յդ էր պակաս։ Դո՛ւրս արի մահճակալի տակից, Հե՛ք Ֆինն։

Ես դուրս եկա։ Ընկճված էի զգում ինձ։

Մորաքույր Սալլին այնպես էր շփոթվել, որ ես իմ կյանքում այդ վիճակում ընկած մարդ չէի տեսել, բացի հորեղբայր Սայլասից, որն ավելի շփոթվեց, երբ ներս մտավ, և նրան պատմեցին ամեն ինչ։ Նա կարծես հարբել էր և օրվա մնացած ժամերին ոչինչ չկարողացավ հասկանալ։ Իսկ երեկոյան այնպիսի քարոզ կարդաց, որ մեծ համբավի արժանացավ․ ոչ ոք, նույնիսկ ամենածեր մարդը, ոչինչ չհասկացավ նրա ասածից։ Այսպիսով, Թոմի մորաքույր Պոլլին պատմեց նրանց, թե ով եմ ես։ Ստիպված եղա վեր կենալ և ասել, թե ինչպիսի նեղ դրության մեջ էի ընկել, երբ միսիս Ֆելփսն ինձ ընդունեց որպես Թոմ Սոյերի։ (Այստեղ միսիս Ֆելփսը ընդմիջեց ինձ ու ասաց․ «Օ՜, շարունակի՛ր ինձ մորաքույր Սալլի կոչել․ այժմ ես վարժվել եմ դրան և փոխելու կարիք չկա»)․․․ Երբ մորաքույր Սալլին ինձ ընդունեց որպես Թոմ Սոյերի, ինձ մնում էր համաձայնել դրան, ուրիշ ճար չկար։ Ես գիտեի, որ Թոմը դրանից չէր նեղանա, որովհետև դա, լինելով գաղտնիք, նրա համար նույնիսկ ցանկալի կլիներ։ Դրանից նա մի արկած դուրս կբերեր և կատարելապես գոհ կլիներ։ Այդպես էլ եղավ։ Նա թույլ տվեց, որ ինքը լինի Սիդ, և իմ գործը կարողացածի չափ մեղմացրեց։

Մորաքույր Պոլլին ասաց, որ Թոմն իրավացի է․ պառավ միսս Ուոթսոնը Ջիմին ազատություն է տվել։ Կտակում իրոք այդպես էլ գրված է։ Թոմ Սոյերն այս բոլոր նեղություններին ու տանջանքներին դիմել է միայն ազատագրված մի նեգր ազատելու համար։ Բայց ես ամբողջ ժամանակ, մինչև այդ զրույցի վերջը, չէի կարողանում հասկանալ, թե ինչպես Թոմ Սոյերն իր այդպիսի դաստիարակությամբ կարող էր օգնել մեկին մի նեգրի ազատելու համար։

Մորաքույր Պոլլին ասաց, որ երբ մորաքույր Սալլին գրել էր, թե Թոմն ու Սիդը ողջ֊առողջ տեղ են հասել, մտածեց․ «Ահա, թե ինչ։ Ես այդպես էլ սպասում էի, երբ թույլ տվեցի, որ նա անցնի այդ ճանապարհն առանց մեկի հսկողության»։

Եվ ինքը ստիպված է եղել գետի վրայով հազար հարյուր մղոն ճանապարհ անցնել նավով և իմանալ, թե այդ արարածն այժմ ինչով է զբաղված, քանի որ այդ մասին գրած ոչ մի նամակին պատասխան չի ստացել։

― Բայց ես քեզանից ոչ մի նամակ չեմ ստացել, ― ասաց մորաքույր Սալլին։

― Զարմանալի է, չէ՞ որ ես երկու անգամ գրեցի և հարցրի, թե ինչ է նշանակում «Սիդն այստեղ է»։

― Ես ոչ մի նամակ չեմ ստացել, քույրիկ։

Մորաքույր Պոլլին դանդաղ ու խոժոռված շուռ եկավ դեպի Թոմն ու կանչեց․

― Թո՛մ։

― Ի՞նչ, ― պատասխանեց Թոմը դյուրագրգիռ։

― Ինձ այդպես չպատասխանես, անամո՛թ․․․ Այստեղ տուր նամակները։

― Ի՞նչ նամակ։

― Այն նամակները։ Սպասի՛ր դու․․․

― Սնդուկում են։ Ոչ ոք ձեռք չի տվել, ստացված օրից ընկած են այնտեղ, չեմ էլ բացել։ Բայց ես գիտեի, որ դրանք նեղություն կտան մեզ և մտածեցի, որ եթե չես շտապում, ուրեմն․․․

― Քեզ պետք է այնքան ծեծել, որ կաշիդ պլոկվի, և դա սխալ չի լինի։ Բայց ես մի նամակ էլ գրեցի, որով նախազգուշացնում էի, թե գալիս եմ։ Ենթադրում եմ, որ դա․․․

― Ոչ, երեկ եկավ։ Դեռ չեմ կարդացել, բայց ինձ մոտ է, ստացել եմ։

Ուզում էի երկու դոլարի վրա գրազ գալ, որ մոտը չէ, բայց մտածեցի, որ գուցե լռելն ավելի ապահով է, և ոչինչ չասացի։


Վերջին գլուխ

Առաջին անգամ, երբ ես ու Թոմը մենակ էինք, հարցրի, թե ի՞նչ էր մտածում նա, երբ կազմակերպեց այդ փախուստը, ի՞նչ էր ծրագրել անել հետագայում, եթե փախուստը հաջող անցներ, և ինքը ազատած լիներ մի նեգրի, որը մինչև այդ արդեն ազատված էր։ Եվ նա ասաց, թե սկզբում ինչ էր ծրագրել գլխում, եթե ապահով դուրս բերեինք Ջիմին։ Մենք պետք է լաստով նրան տանեինք ներքև, մինչև գետաբերանը, որպես արկածային զվարճություն, ապա հայտնեինք, որ նա ազատ է, հանդիսավոր կերպով շոգենավով ետ բերեինք կորցրած ժամանակի համար, նախապես գրեինք տուն և հավաքեինք շրջակայքի նեգրերին, որ դիմավորեին և առաջնորդեին քաղաք՝ ջահերով ու երաժշտությամբ։ Նա կդառնար հերոս, մենք ևս հերոսներ կդառնայինք։ Բայց, իմ կարծիքով, առանց այդ էլ ամեն ինչ նույնքան լավ էր։

Մենք Ջիմին անմիջապես ազատեցինք շղթաներից, և երբ մորաքույր Պոլլին, հորեղբայր Սայլասն ու մորաքույր Սալլին իմացան, թե նա որքան լավ էր օգնել բժշկին՝ Թոմին խնամելիս, մեծ աղմուկ բարձրացրին։ Տեղավորեցին հարգ ու պատվով, տալիս էին լավագույն ուտելիքները, աշխատում էին այնպես անել, որ չձանձրանա, ոչ մի գործ չանի։ Մենք նրան տարանք հիվանդի սենյակը և լրջորեն խոսեցինք։ Թոմը նրան քառասուն դոլար տվեց՝ այդքան համբերատար կերպով մեր բանտարկյալը լինելու և հանձնարարված պարտականություններն այնքան լավ կատարելու համար։ Ջիմն անսահման ուրախ էր, նրա ձայնալարերը բացվեցին, և նա ասաց․

― Ահա, Հեք, ի՞նչ ասացի քեզ, ի՞նչ ասացի, երբ Ջեքսոնի կղզում էինք․ ասացի, որ մազոտ կուրծ ունեմ և ինչի՛ նշան է դա։ Ասացի, որ մի անգամ հարուստ եղել եմ և նորից կհարստանամ։ Եվ դա ճիշտ դուրս եկավ։ Ահա այդ հարստությունը, էլ չխոսես։ Նշանը նշան է, հիշիր խոսքերս։ Ես նույնքան համոզված էի, որ կհարստանամ, որքան հավատում եմ, որ այս րոպեին կանգնած եմ ասյտեղ։

Ապա Թոմը խոսե՜ց, խոսե՜ց։ Ասաց, որ մենք երեքով մոտ օրերս, գիշերով կծլկենք այստեղից, լավ կպատրաստվենք ու երկու շաբաթով կամ մեկ ամսով կփախչենք հնդկացիների կողմերը, արկածներ որոնելու։ Ես տվեցի իմ համաձայնությունը, բայց ասացի, որ պատրաստություններ տեսնելու, հագուստներ գնելու համար փող չունեմ։ Տնից էլ հազիվ թե ստանամ, որովհետև հայրս վաղուց վերադարձած, դատավոր Թեչըրից ստացած կլինի իմ փողը և ամբողջովին խմած, վատնած կլինի։

― Ո՛չ, չի ստացել, ― ասաց Թոմը, ― ամբողջ փողն իր տեղում է՝ վեց հազար դոլար, նույնիսկ ավելի։ Բացի այդ, հայրդ դեռ չի վերադարձել։ Համենայն դեպս, երբ ես եկա, չէր վերադարձել։

Ջիմը մի տեսակ հանդիսավոր լուրջ եղանակով ասաց․

― Նա այլևս հետ չի գա, Հե՛ք։

― Ինչո՞ւ, Ջիմ, ― ասացի ես։

― Պատճառը հետաքրքիր չէ, Հեք, բայց այլևս ետ չի գա։

Ես շարունակեցի հարց ու փորձ անել այնքան, մինչև նա վերջապես ասաց․

― Հիշո՞ւմ ես այն տունը, որ լողալով իջնում էր ջրի հետ։ Մեջը ծածկված մի մարդ կար։ Երբ ես մտա ներս, բաց արեցի դեմքը, չթողեցի, որ դու ներս գաս։ Դե՛հ բավական է, դու կարող ես դրամն ստանալ, երբ ուզենաս․ այդ մարդը նա էր։

Թոմն արդեն լավացել էր և գնդակը ժամացույցի շղթային ամրացրած կախել էր վզից որպես ժամացույց և միշտ նայում էր, թե ժամը քանի՞սն է։ Այսպիսով, այլևս ոչինչ չկա, որի մասին գրեմ և անչափ ուրախ եմ դրա համար։ Եթե իմանայի, թե ինչ գլխացավանք է գիրք գրելը, երբեք չէի ձեռնարկի, ոչ էլ այսուհետև կձեռնարկեմ։ Բայց կարծում եմ, ես ավելի շուտ կթռչեմ հնդկացիների կողմերը, քան մյուսները, որովհետև մորաքույր Սալլին պատրաստվում է որդեգրել և քաղաքակրթել ինձ, իսկ ես չեմ դիմանա դրան․ նրա մոտ արդեն եղել եմ։
















  1. Մովսես ― ըստ ավանդության, հրեա ժողովրդի հնադարյան առաջնորդը, որին իբրև թե մանուկ հասակում գտել են եղեգնուտում։
  2. o, 91 մ (անգլիական երկարության չափ)։
  3. Երիքո ― քաղաք Պաղեստինում։ Գնալ Երիքո ― ժողովրդական ասացվածք, որը նշանակում է հեռանալ, կորչել։
  4. Հնդկացի իշխան։
  5. Աբոլիցիոնիստ ― նեգրերի ստրկությունը վերացնելու կողմնակիցներ։
  6. Աստվածաշնչի Սողոմոն իմաստունը։
  7. Լյուդովիկոս XVI-ը Ֆրանսիայի թագավորն էր, որին գլխատեցին XVIII դարի բուրժուական հեղափոխությունից հետո։
  8. Դոլֆին ― Հեքն ուզեցել է ասել «Դոֆին» այսինքն՝ թագաժառանգ։
  9. Ֆրանսիացի սպա, որը մարտնչել է անկախության համար (ամերիկյան բանակի կամավոր)։
  10. Մոքքասինը թունավոր օձերի մի տեսակ է։
  11. Ֆրանսիայի թագուհի։ Սերում է Ավստրիայի արքունիքից։ 18֊րդ դարի բուրժուական հեղափոխության ժամանակ ապստամբած ժողովուրդը նրան մահապատժի ենթարկեց։
  12. Ֆրանկների պետության թագավորը (768-814 թթ․)։
  13. Մեկ գալոնը հավասար է մոտ չորս լիտրի։
  14. Ֆրանսիական թագավորների հին դինաստիայի ազգանունը։
  15. Այստեղ դուքսը չի տալիս Համլետի իսկական, լրիվ մենախոսությունը, այլ արտասանում է անիմաստ, իրար հետ չկապվող տողեր Շեքսպիրի դրամաների տարբեր տեղերից։
  16. Հենրի Ութերորդն Անգլիայի թագավորն էր տասնվեցերորդ դարում։ Այստեղ Հեք Ֆիննը նրան վերաբերող գիրքը շփոթում է արաբական «Հազար ու մի գիշերվա» հետ։
  17. Սաքսոնների հիմնած յոթը թագավորությունները հինգերորդ դարից մինչև իններորդ դարը։
  18. Դոմսդեյի գիրքը գրվել է Վիլհելմ Աշխարհակալի ժամանակ․ 1085-1086 թվերին։ Այստեղ գրանցված են գլխավոր կալվածատերերի անունները, զբաղեցրած տարածությունը, անասունների գլխաքանակը և այլն։
  19. Վիլհելմ Չորրորդ ― Անգլիայի թագավոր (1830-1837)։
  20. Նյու֊Յորքի մոտ Կոնգրես կոչվող աղբյուրի ջուրը, որն աղի է։
  21. Եդեմի գետերից մեկը։ Ծ․ թ․։
  22. Մետաղադրամ, որը, եթե ոսկի է, արժե հինգ դոլար, եթե արծաթ է՝ 60 ցենտ։
  23. Հողային չափ, 4047 ք․ մ․։
  24. Ըստ Աստվածաշնչի՝ երկարակյաց ծերունի։
  25. Երկաթե Դիմակ ― 17֊րդ դարում Փարիզի Բաստիլիա կոչվող բանտում կար մի կալանավոր, որի դեմքը շարունակ ծածկված էր երկաթե դիմակով։
  26. Այստեղ Հեքը սովորականի նման շփոթում է ժամանակները․ Վիլհելմ Աշխարհակալը Նորմանդիայի դուքսն էր, XI դարում։ Նա նվաճեց Անգլիան (1066 թ․)։
  27. «Մաիսյան ծաղիկ ― նավ, որով XVII դարի սկզբին նավարկեցին Ամերիկա։
  28. Պիչչիոլա ― իտալերեն՝ ցողուն, ծաղիկ։
  29. Բաբելոնի թագավոր։