«Լուսնափոշին»–ի խմբագրումների տարբերություն
(→Գլուխ չորրորդ) |
(→Գլուխ երեսուներորդ) |
||
(29 intermediate revisions by the same user not shown) | |||
Տող 609. | Տող 609. | ||
― Ի՞նչ։ Իհարկե, այո՛, այո՛։ Հայտնեք, որպեսզի օգնության գնա Երկրորդին Խառնարանային լճում։ Հայտնեցեք, որ Ծարավի ծովում որոնումները դադարեցված են։ | ― Ի՞նչ։ Իհարկե, այո՛, այո՛։ Հայտնեք, որպեսզի օգնության գնա Երկրորդին Խառնարանային լճում։ Հայտնեցեք, որ Ծարավի ծովում որոնումները դադարեցված են։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ վեցերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Որոնումները դադարեցնելու մասին լուրը «Լագրանժ֊2» հասավ այն ժամանակ, երբ Թոմ Լոուսոնը անքնությունից ուռած աչքերով արդեն ավարտում էր հարյուր միլիմետրանոց հեռադիտակի համար նոր հարմարանքի մոնտաժը։ Այդքան ջանք թափեց, շտապեց՝ ու ստացվում է, իզուր տեղը․․․ Ծարավի ծովում «Սելենը» չկա, նա մի այնպիսի տեղ է, ուր երբեք չես գտնի նրան, Խառնարանային լիճը գոտևորող պատնեշի ետևում, և այն էլ հազարավոր տոննա գլաժայռերի տակ։ | ||
+ | |||
+ | Թոմը այնքան զայրացած էր, որ առաջին ակնթարթում նույնիսկ չխղճաց ուղևորներին։ Դուրս է գալիս, որ ապարդյուն էին ծախսված ժամանակն ու աշխատանքը։ Կորան բոլոր բնակելի աշխարհների հեռուստատեսային էկրանների վրա՝ «Երիտասարդ աստղագետը հայտնաբերում է կորած զբոսաշրջիկներին» խորագրի տակ հաղորդումներում փայլատակելու հույսերը․․․ Խորտակվեցին փառքի իղձերը։ Եվ ամբողջ երեսուն վայրկյան Թոմ Լոուսոնը իրեն հանգստացնում էր հայհոյանքների տարափով, որոնք զարմանք կպատճառեին նրա պաշտոնակիցներին, եթե վերջիններս լսեին նրան։ Ու դեռևս զայրույթից բորբոքված, նա սկսեց քանդել֊հանել այն դետալները, որոնք թախանձել, փոխ առնել, նույնիսկ սեփականացրել էր արբանյակի մյուս լաբորատորիաներից։ | ||
+ | |||
+ | Թոմը չէր տարակուսում, որ իր սարքը կարող էր լուծել խնդիրը։ Տեսական մասը տեղը֊տեղին է, պոչ չես կարող կպցնել։ Ավելին, այն հիմնված է գրեթե հարյուրամյա փորձառության վրա։ Ինֆրակարմիր տեղարկումը հայտնի էր արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ քողարկված ձեռնարկությունները հայտնաբերում էին նրանց ագրեգատների արձակած ջերմությամբ։ | ||
+ | |||
+ | «Սելենը» Ծարավի ծովում չի թողել տեսանելի անվահետքեր, սակայն ինֆրակարմիր հետք պետք է լինի։ Նավի պտուտակները մեկ ֆունտ խորությունից հանել են համեմատաբար տաք փոշին ու այն շաղ տվել շատ ավելի սառը մակերեսի վրա։ Այն «աչքը», որ ի վիճակի էր տեսնել ջերմային ճառագայթները, «Սելենի» անցնելուց մի քանի ժամ հետո նույնպես կարող էր հայտնաբերել նրա թողած շավիղը։ Թոմի հաշվումներով, նա իր ինֆրակարմիր փնտրումները կհասցներ ավարտել մինչև արևի դուրս գալը, որը կջնջեր լուսնային սառնաշունչ գիշերում եղած ջերմային հետքի ամեն մի նշույլ։ | ||
+ | |||
+ | Իսկ այժմ, իհարկե, իմաստ չունի որևէ բան ձեռնարկել։ | ||
+ | |||
+ | |||
+ | Բարեբախտաբար, «Սելենի» վրա չէին կասկածում, թե Ծարավի ծովի շրջանում որոնումները դադարեցված են և փոշեսահնակները գնացել են Խառնարանային լիճ։ Բարեբախտություն էր նաև, որ ուղևորներից ոչ ոք չիմացավ դոկտոր Մըքենզիի երկյուղի մասին։ | ||
+ | |||
+ | Թղթի կտորի վրա ֆիզիկոսը գծեց ջերմաստիճանի բարձրացման ենթադրյալ կորագիծը։ Յուրաքանչյուր ժամը մեկ նա գրաֆիկի վրա էր անցկացնում միջնորմից կախված ջերմաչափի ցուցմունքները։ Ավա՜ղ, նրանք ճիշտ և ճիշտ համընկնում էին կանխագուշակման հետ։ Եվս տասներկու ժամ՝ ու ջերմաստիճանը Ֆարենհայտի հարյուր տասը աստիճանից կանցի, երևան կգան ջերմահրության առաջին զոհերը։ Եվ ստացվում է, որ նրանց մնում է ընդամենը մեկ օրվա կյանք։ Այնպես որ, ուղևորների տրամադրությունը բարձր պահելու համար նավապետ Հանստենի թափած ջանքերը անհեթեթ էին թվում։ Հաջողություն կունենա նա, թե ոչ՝ վաղը չէ մյուս օրը արդեն նշանակություն չի ունենա։ | ||
+ | |||
+ | Եվ, այնուամենայնիվ, արդյո՞ք դա այդպե՞ս է։ Ասենք նրանք ունեն երկու ընտրություն․ մեռնել կամ որպես մարդ, կամ որպես գազան՝ առաջինը, անշուշտ, գերադասելի է։ Նույնիսկ, եթե երբեք չգտնեն «Սելենը» ու ոչ ոք չիմանա, թե ինչպես են դիմավորել նրա կալանավորները իրենց մահը։ Սա տրամաբանությունից ու դատողությունից վեր է։ Սակայն նույնը կարելի է ասել գրեթե ամեն ինչի մասին, որ որոշում է մարդու կյանքն ու մահը։ | ||
+ | |||
+ | Կոմոդոր Հանստենը հիանալի էր հասկանում այդ բանը, երբ ծրագիր էր կազմում մնացած ժամերի համար։ Կան մարդիկ, որ ծնված են ղեկավարելու համար․ նա դրանց թվին էր պատկանում։ Այն դատարկությունը, որի մեջ ընկել էր նա պաշտոնաթող լինելով, հանկարծ լցվել էր։ «Կենտավր» դրոշակակիր տիեզերանավի մենախցիկը թողնելուց ի վեր, առաջին անգամ նա լիարժեք կյանքով էր ապրում։ | ||
+ | |||
+ | Քանի դեռ մարդիկ զբաղված են որևէ բանով, կարելի է հանգիստ լինել նրանց բարոյավիճակի համար։ Կարևոր չէ, թե ինչով կզբաղվեն նրանք, միայն թե դա նրանց հետաքրքիր ու կարևոր թվա։ Տիեզերական ադմինիստրացիայի հաշվետարը, պաշտոնաթող ինժեներն ու նյույորքցի երկու ծառայողները արդեն խորասուզվել էին պոկերի մեջ։ Իսկույն երևում է, որ թունդ թղթամոլներ են․ նրանք գլխացավանք չեն պատճառի, նույնիսկ դժվար է նրանց պոկել խաղաթղթերից։ | ||
+ | |||
+ | Մնացած բոլորը նույնպես խումբ֊խումբ շատ սիրալիր զրուցում էին։ Զվարճությունների հանձնաժողովը նիստը շարունակում էր։ Պրոֆեսոր Ջայավարդենը ինչ֊որ նշումներ էր անում, միսիս Շաստերը, չնայած ամուսնու զսպումներին, հիշողություններ էր պատմում բուռլեսկից։<ref>Սեթևեթ կոմիկ պատկերում բեմի վրա՝ բովանդակության և լեզվի կոնտրաստով։</ref> Եվ միայն միսս Մոռլին էր մեկուսի պահում իրեն։ Մանր ձեռագրով նա առանց շտապելու լրացնում էր նշատետրի մնացած թերթիկները։ Ըստ երևույթին, օրագիր էր պահում, ինչպես վայել էր իսկական լրագրողին։ | ||
+ | |||
+ | Եթե միայն միսս Մոռլիի օրագիրը կիսատ չմնա․․․ Կարծես, նա չի հասցնելու լրացնել նույնիսկ այդ մի քանի էջերը։ Նույնիսկ, եթե հասցնի էլ՝ հազիվ թե որևէ մեկը կարդա այն։ | ||
+ | |||
+ | Կոմոդորը նայեց ժամացույցին և զարմացավ, շատ ժամանակ էր անցել։ Այս ժամին նա հույս ուներ լինել արդեն Լուսնի հակառակ կողմում, Կլավիում։ Մի թեթև ճաշ «Հիլտոնի» լուսնային մասնաճյուղում, այնուհետև էքսկուրսիա դեպի․․․ Բայց ի՞նչ իմաստ ունի խորհել ապագայի մասին, որը չի լինելու։ Նրան շատ ավելի հուզում էր սրընթացիկ ներկան։ | ||
+ | |||
+ | Թերևս ավելի լավ կլինի մի փոքր քնել, քանի դեռ տոթը անտանելի չի դարձել։ «Սելենի» կոնստրուկտորները չեն նախատեսել, որ նա կարող է դառնալ ննջարան (կամ գերեզման), բայց ինչ արած։ Ըստ երևույթին, պետք է մի քիչ ուղեղներս շարժենք, որոշ իրեր տեղափոխենք, թեկուզ դրանից տուժի «Լուսնաշրջիկի» գույքը։ Հանստենից քսան րոպե պահանջվեց այդ ամենի մասին խորհելու համար, ապա նա խորհրդակցեց նավապետ Հարրիսի հետ ու դիմեց մյուսներին։ | ||
+ | |||
+ | ― Տիկնա՛յք և պարոնա՛յք, այսօր մենք բոլորս տանջվեցինք, և ես կարծում եմ, դեմ չեք լինի, որպեսզի մի քիչ քնենք։ Ճիշտ է, որոշ դժվարություններ են ծագում, բայց ես արդեն փորձել եմ և համոզվել, որ ցանկության դեպքում կարելի է հանել նստարանների միջև եղած արմնկակալները։ Իհարկե, դա չի կարելի անել, բայց հազիվ թե «Լուսնաշրջիկը» հայց հարուցի մեր դեմ։ Տասը հոգի կարող են պառկել բազմոցների վրա, մնացածներին առաջարկում եմ տեղավորվել հատակին։ Մի հանգամանք ևս․ հավանաբար, դուք նկատել եք, որ խցիկում գնալով ջերմությունն ավելանում է։ Ջերմաստիճանը դեռ մի որոշ ժամանակ կբարձրանա։ Այդ պատճառով էլ ես խորհուրդ եմ տալիս հանել ավելորդ հագուստները, այժմ հարմարությունը փափկանկատությունից շատ ավելի կարևոր է։ | ||
+ | |||
+ | (Մտովի նա ավելացրեց, որ է՛լ ավելի կարևոր է կենդանի մնալը․․․ բայց մենք դեռ մի քանի ժամ ունենք): | ||
+ | |||
+ | ― Մենք կհանգցնենք ներքին լուսավորությունը, ― շարունակեց Հանստենը, ― իսկ որպեսզի մթության մեջ չմնանք, կմիացնենք ոչ ուժեղ վթարային լույսը։ Մի հոգի կհերթապահի նավապետի բազկաթոռին։ Նավապետ Հարրիսը արդեն կազմել է հերթապահության գրաֆիկը․ հերթապահը կփոխվի երկու ժամը մեկ։ Հարցեր կամ դիտողություններ կա՞ն։ | ||
+ | |||
+ | Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ու կոմոդորը թեթևացած շունչ քաշեց։ Նա վախենում էր, որ մեկնումեկը կհետաքրքրվի, թե ինչու է ջերմաստիճանը բարձրանում։ Ի՞նչ պատասխան պետք է տար ինքը։ Բոլոր իր ընդունակություններով հանդերձ, Հանստենը ստել չգիտեր, ու նա ցանկանում էր, որպեսզի ուղևորները հանգիստ քնեն, որքան դա ընդհանրապես հնարավոր է նման իրավիճակում։ Եթե հրաշք չպատհի, այդ քունը կարող է հավերժ լինել․․․ | ||
+ | |||
+ | Միսս Ուիլքինզը, արդեն առանց առաջվա պրոֆեսիոնալ անբռնազբոսիկության, ըմպելիք բաժանեց ցանկացողներին։ Ուղևորներից շատերը հանեցին վերնազգեստները, ավելի ամաչկոտները սպասեցին մինչև կհանգչեր հիմնական լուսավորությունը։ Աղոտ կարմիր լույսի տակ «Սելենի» խուցը ֆանտաստիկ տեսք ուներ։ Ո՞վ կարող էր պատկերացնել այս ամենը մի քանի ժամ առաջ, երբ փոշեգնացը հեռանում էր Պորտ֊Ռորիսից․․․ Քսաներկու հոգի, գրեթե բոլորը միայն մի սպիտակեղենով, պառկած էին նստարաններին ու հատակին։ Մի քանի բախտավորներն արդեն խռմփացնում էին, մյուսները անհանգիստ շուռ ու մուռ էին գալիս տեղներում։ | ||
+ | |||
+ | Պաթ Հարրիսը տեղավորվել էր ամենավերջում, նույնիսկ ոչ թե խցիկում, այլ օդասահանքի նեղ անկյունում։ Այստեղից հարմար էր դիտելը։ Բաց դռնից նա տեսնում էր ամբողջ խցիկը՝ սկսած նավաքթից, կարող էր հետամուտ լինել յուրաքանչյուր ուղևորի։ | ||
+ | |||
+ | Պաթը խնամքով ծալեց համազգեստը, նրանից բարձ պատրաստեց ու պառկեց չոր հատակին։ Մինչև հերթափոխը վեցը ժամ կա, լավ կլիներ քնել։ | ||
+ | |||
+ | Քնել․․․ Անցնում են նրա կյանքի վերջին ժամերը, ― և այնուամենայնիվ ուրիշ ոչինչ չի մնում։ Հետաքրքիր է, ամո՞ւր են քնում մահվան դատապարտվածները մահապատժի գիշերը։ | ||
+ | |||
+ | Նա այնքան հոգնած էր, որ նույնիսկ այդ միտքը նրան երկար չզբաղեցրեց։ Վերջին բանը, որ նկատեց Պաթը ինքնամոռացության մեջ ընկնելով, այն էր, թե ինչպես դոկտոր Մըքենզին վերցրեց ջերմաստիճանի հերթական ցուցմունքը և խնամքով անցկացրեց իր գրաֆիկի վրա։ Ճիշտ և ճիշտ, ինչպես աստղագուշակը բախտացույց կազմելիս․․․ | ||
+ | |||
+ | «Սելենից» տասնհինգ մետր վերև (որը տեղի ձգողության պայմաններում կարելի է հաղթահարել մի ցատկով) արդեն առավոտ էր։ Լուսնի վրա աղջամուղջ չի լինում, բայց երկինքը վաղուց արշալույս էր խոստանում։ Արևածագից դեռ շատ առաջ վեր էր հառնել զոդիակի լույսի պայծառափայլ բուրգը, որն այնքան հազվադեպ տեսանելի է Երկրի վրա։ Նա բարձրանում էր շատ դանդաղ՝ և որքան մոտենում էր արևածագը, այնքան ավելանում էր փայլը։ Ահա բուրգը հալվեց պսակի ծիածանափայլի մեջ, ու հորիզոնը բոցավառվեց միլիոն անգամ պայծառ լույսով։ Երկշաբաթյա խավարը վերջ գտավ, լուսատուն վերադարձավ։ Սեփական առանցքի շուրջը Լուսնի դանդաղ պտտվելու պատճառով, կանցնի ավելի քան մեկ ժամ, մինչև նա բոլորովին կծագի, բայց օրն արդեն սկսվել է։ | ||
+ | |||
+ | Ծարավի ծովի վրայով՝ ասես կուրացնող լույսից նեղված, գլորվում էր սև խավարը։ Եվ, ահա, արդեն ծովի ողջ հարթությունը լուսավորվում է գրեթե հորիզոնական ճառագայթներով։ Մակերևույթի վրա եղած ամենաանշան թումբն իսկ իրեն անմիջապես կմատներ իր արձակած մի քանի հարյուր մետրանոց ստվերով։ | ||
+ | |||
+ | Կմատներ՝ բայց ո՞ւմ։ «Փոշեսահնակ֊1֊ը» ու «Փոշեսահնակ֊2֊ը» ապարդյուն որոնումներ էին կատարում Խառնարանային լճում, աղետի գոտուց մեկ ու կես տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք շրջապատված էին խավարով․ կանցնի ևս երկու օր, մինչ արևը կբարձրանա խառնարանը գոտևորող լեռնեից վեր, իսկ առայժմ, արևածագը լուսավորում է սոսկ գագաթները։ Ժամ առ առ ժամ լույսի ուրվագծված զոլը լանջերով ավելի ու ավելի ցած կիջնի՝ տեղ֊տեղ քայլող մարդուց արագ, և վերջապես ճառագայթները կդիպչեն խառնարանի հատակին։ | ||
+ | |||
+ | Այժմ լճի վրա թափառում էր մարդու ստեղծած լույսը։ Պայծառ բռնկումները մթությունից կորզում էին ծանր լեռնաբեկորները․ փրկարարները լուսանկարում էին քարակույտերը, որոնք անաղմուկ գլորվել էին ցած, երբ Լուսինը ցնցվել էր քնի մեջ։ Մեկ ժամից էլ պակաս ժամանակամիջոցում լուսանկարները կլինեն Երկրի վրա, ևս երկու ժամ անց նրանց կտեսնեն բնակելի բոլոր աշխարհներում։ | ||
+ | |||
+ | Վատ ռեկլամ է տուրիզմի համար։ | ||
+ | |||
+ | Երբ նավապետը արթնացավ, խցիկում բավականին շոգ էր։ Բայց շոգը չէր, որ արթնացրեց նրան հերթափոխը սկսվելուց մի ամբողջ ժամ առաջ։ | ||
+ | |||
+ | Թեպետ Պաթը երբեք առիթ չէր ունեցել գիշերելու «Սելենում», նա լավ գիտեր, թե ինչ ձայներ կարելի է լսել ներսում։ Երբ մոտորները կանգնած են, համարյա լիակատար լռություն է տիրում, և օդային պոմպերի շրշյունն ու պաղեցնող հարմարանքի թույլ դզզոցը որսալու համար լսողությունը պետք է լարել։ Այս ամենը նա լսում էր, երբ քնում էր, բայց այժմ այդ ձայներին ավելացել է նորը, անսովորը․․․ | ||
+ | |||
+ | Հազիվ լսելի խշշոց, այնքան թույլ, որ Պաթը մի պահ տատանվեց՝ թե արդյո՞ք չի թվում իրեն։ Անհավանական է, որպեսզի նման մի թույլ ազդանշանը նրա ենթագիտակցության մեջ թափանցեր քնի պատնեշի միջով։ Նույնիսկ հիմա, զարթնելով, նավապետը չէր կարողանում որոշել ոչ ձայնի բնույթը, ոչ էլ նրա որտեղից գալը։ | ||
+ | |||
+ | Պաթը հանկարծ հասկացավ, թե ինչու է աղմուկը արթնացրել իրեն։ Քունը միանգամից փախավ։ Ոտքի թռնելով, նա ականջը դրեց օդասահանքի խցիկի արտաքին դռանը․ խորհրդավոր ձայնը գալիս էր դրսից։ | ||
+ | |||
+ | Դե, իհարկե։ Միանգամայն հստակ լսվում է։ Նավապետի մարմնով սարսուռ անցավ։ Խշշում են փոշեհատիկները, ասես «Սելենի» շուրջը ավազամրրիկ է սկսվել։ Ի՞նչ էր պատահել։ Մի՞թե Ծովը նորից փոթորկում է։ Իսկ եթե այդպես է՝ ո՞ւր կտանի հոսանքը «Սելենը»։ Առայժմ փոշեգնացը կարծես անշարժ է, միայն արտաքին միջավայրն է շարժվում ու հոսում․․․ | ||
+ | |||
+ | Շատ զգույշ, որպեսզի չխանգարի քնածներին, Պաթը ոտքի թաթերի վրա մտավ խուցը։ Հերթապահում էր դոկտոր Մըքենզին։ Նավապետի բազկաթոռի վրա կուչ եկած, նա նայում էր դրսից լցված լուսանցույցին։ Երբ Պաթը մոտեցավ, ֆիզիկոսը շրջվեց նրա կողմը և շշնջալով հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Վատ բա՞ն է պատահել։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ․․․ ինքներդ ստուգեցեք։ | ||
+ | |||
+ | Հիմա արդեն երկուսով, ականջները դրած դռանը՝ երկար լսում էին առեղծվածային խշշոցը։ Հանկարծ Մըքենզին ասաց․ | ||
+ | |||
+ | Դա փոշին է շարժվում, տարակույս չկա։ Սակայն ես գլխի չեմ ընկնում՝ ինչո՞ւ։ Ահա ձեզ ևս մեկ հանելուկ։ | ||
+ | |||
+ | ― Եվս մի՞։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Ինձ մոլորության մեջ է գցում ջերմաստիճանը։ Այն բարձրանում է, բայց ոչ այնքան արագ, ինչպես ես սպսում էի։ | ||
+ | |||
+ | Կարծես ֆիզիկոսը դժգոհ էր, որ իր հաշվումները սխալ էին դուրս եկել, բայց Պաթի համար նրա խոսքերը առաջին բարի լուրն էին աղետից հետո։ | ||
+ | |||
+ | ― Միայն թե դուք մի վշտացեք, ո՞վ մեզանից չի սխալվել։ Եվ եթե այդ սխալը մեզ մի քանի ավելի օր ընծայի, ես, համենայն դեպս, ձեզ չեմ պարսավի։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես չէի կարող սխալվել։ Ախր, դա տարրական թվաբանություն է։ Մեզ հայտնի է, թե որքան ջերմություն են ճառագայթում քսաներկու մարդիկ, և այդ ջերմությունը մի կողմով պետք է լինի։ | ||
+ | |||
+ | ― Քնած մարդը քիչ ջերմություն է արձակում, թերևս բանը դրանո՞ւմն է։ | ||
+ | |||
+ | ― Կարծես ես կարող էի աչքաթող անել նման մի ակներև հանգամանք, ― գրգռված պատասխանեց գիտնականը։ ― Հասկանալի է, որ քիչ, բայց ոչ այդքան։ Չէ, այստեղ մի ուրիշ բան կա։ Պետք է պատճառ լինի, թե ինչու է ջերմաստիճանը ետ ընկնում իմ գրաֆիկից։ | ||
+ | |||
+ | ― Ետ է ընկնում ավելի լավ, փառք աստծուն, ― ասաց Պաթը։ ― Իսկ ի՞նչ կասեք դուք այդ ձայնի մասին։ | ||
+ | |||
+ | Մըքենզին դժվարությամբ իրեն ստիպեց մտածել նոր հանելուկի մասին։ | ||
+ | |||
+ | ― Փոշին շարժվում է, իսկ մենք ո՛չ։ Ստացվում է, դա տեղական երևույթ է։ Ավելին, մենք այդ բանը նկատեցինք միայն այստեղ, նավախելում։ Գուցե բանը սրանո՞ւմ է։ Նա ձեռքը պարզեց դեպի միջնորմը։ ― Ի՞նչ կա դրա ետևում։ | ||
+ | |||
+ | ― Շարժիչները, թթվածնի բալոնները, պաղեցնող հարմարանքը․․․ | ||
+ | |||
+ | ― Պաղեցնող հարմարա՞նքը։ Դե, իհարկե՛։ Նավ նստելիս ես չէ՞ որ տեսա․․․ Այնտեղ ռադիատորի կողե՞րն են անցնում։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն ամեն ինչ հասկանալի է։ Նրանք այնպես են տաքացել, որ փոշին շրջանառում է հեղուկի պես։ Փոխատարական հոսանքը վերև է տանում մեր ջերմության ավելցուկը։ Բացառված չէ, որ ջերմությունը կայունանա։ Հազիվ թե ցրտի, բայց մենք կապրենք։ | ||
+ | |||
+ | Կարմիր կիսախավարում նրանք նայեցին միմյանց, հույս ներշնչելով իրենց։ Պաթը հանգիստ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես համոզված եմ, որ դուք կռահեցիք։ Կարծեմ, ձախորդությունները վերացան։ | ||
+ | |||
+ | Նա նայեց ժամացույցին և արագորեն ինչ֊որ բան հաշվեց մտքում։ | ||
+ | |||
+ | ― Այժմ ծովի վրա ծագում է արևը։ Ինչ խոսք, խարսխակայանը փոշեսահնակներ է ուղարկել մեզ փնտրելու համար։ Նրանք մոտավորապես գիտեն՝ որտեղ փնտրել։ Գրազ եմ գալիս, որ նրանք մեզ կգտնեն մի քանի ժամ հետո։ | ||
+ | |||
+ | ― Այդ մասին ասե՞նք կոմոդորին։ | ||
+ | |||
+ | ― Թող քնի։ Նա ամենից շատ չարչարվեց։ Այդ նորությունը կարելի է և վաղը հայտնել։ | ||
+ | |||
+ | Մըքենզին վերադարձավ իր պոստը։ Պաթը փորձեց նորից քնել, բայց ոչինչ չստացվեց։ Բաց աչքերով պառկած՝ նա մտածում էր ճակատագրի զարմանալի շրջադարձերի վրա։ Այն փոշին, որ սկզբում կուլ տվեց նրանց, հետո սպառնում էր խաշել, հանկարծ օգնության էր գալիս նրանց։ Փոխատարական հոսանքը ավելորդ ջերմությունը մակերես է հանում։ Ճիշտ է, դեռևս հայտնի չէ, թե ինչ կստացվի, եթե բարձրացող արևը Ծարավի ծովի վրա թափի իր ճառագայթների ողջ հզորությունը։ | ||
+ | |||
+ | Դրսում փոշին առաջվա նման խշխշում էր, ու Պաթը հանկարծ հիշեց ավազի ժամացույցը, որ մի անգամ նա տեսել էր մանկության ժամանակ։ Շուռ ես տալիս անոթը՝ և ավազը նեղ բերանով թափվում է ներքին անոթի մեջ, հաշվելով րոպեներն ու ժամերը։ | ||
+ | |||
+ | Քանի դեռ չէին հորինել զսպանակավոր ժամացույցը, մարդկանցից շատերը ժամանակին հետևում էին թափվող ավազահատիկներով։ Բայց մինչ այսօր (նա հավատացած էր դրանում) ոչ ոք դեռ առիթ չի ունեցել փոշու բարձրացող հոսանքով չափելու իր կյանքի տևողությունը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ յոթերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Կլավիում գլխավոր ադմինիստրատոր Ուլսենը և «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետ Դևիսը հենց նոր էին վերջացրել խորհրդակցել Իրավաբանական բաժնի ներկայացուցիչների հետ։ Խոսակցությունը բնավ էլ ուրախալի չէր․ հիմնականում քննարկում էին այն փաստաթուղթը, որ կլիենտների կյանքի համար պատասխանատվությունը վերցնում է «Լուսնաշրջիկի» գրասենյակի վրայից։ Մինչև «Սելեն» նստելը, բոլոր զբոսաշրջիկները ստորագրել են այդ փաստաթուղթը։ Ընդհուպ մինչև երթուղու բացումը Դևիսը առարկում էր այդ կարգի դեմ, ընդգծելով, թե դա լոկ կխրտնեցնի կլիենտներին, բայց Լուսնային ադմինիստրացիայի իրավաբանները պնդում էին իրենց ասածը։ Այժմ նա ուրախ էր, որ այդպես եղավ։ | ||
+ | |||
+ | Նա ուրախ էր նաև այն բանի համար, որ Պորտ֊Ռորիսի իշխանությունները ճիշտ էին կատարել հրահանգները․ չէ որ հաճախ է պատահում, երբ նման բաներին վերաբերվում են որպես երկրորդական ձևականությունների ու լռելյայն աչքաթող են անում կանոնները։ Սեղանի վրա նրանց առջև դրված էր «Սելենի» բոլոր ուղևորների ստորագրություններով թուղթը․ բացակայում էր միայն մեկի ստորագրությունը, որը շփոթության մեջ էր գցել իրավաբաններին։ | ||
+ | |||
+ | Ծպտյալ լինելով, կոմոդորը իրեն կոչել էր Ռ․ Ս․ Հանսոն ու ստորագրել էր անընթեռնելի, կարելի էր կարդալ «Հանսոն», և «Հանստեն»։ Քանի դեռ երկրից չեն ստացվել ֆաքսիմիլիները, ոչինչ չես կարող որոշել։ Ասենք, դա նշանակություն էլ չուներ։ Կոմոդորը պաշտոնական հանձնարարություն էր կատարում, և ադմինիստրացիան միևնույն է պատասխանատու է նրա համար։ Ասենք, մնացած ուղևորների համար նույնպես նա կրում է եթե ոչ իրավաբանական, ապա համենայն դեպս բարոյական պատասխանատվություն։ | ||
+ | |||
+ | Այսպես թե այնպես, ադմինիստրացիան պարտավոր է անել ամեն հնարավոր բան, որպեսզի գտնի զոհվածներին և ըստ արժանվույն Երկրին հանձնի նրանց աճյունը։ Այս խնդիրը, առանց երկար մտածելու, դրեցին գլխավոր ինժեներ Լոուրենսի լայն ուսերին․ նա դեռևս Պորտ֊Ռորիսում էր։ | ||
+ | |||
+ | Նա դեռ երբեք այդպես անտրամադիր ձեռնամուխ չէր եղել մի որևէ բանի, քան այժմ։ Եթե նվազագույն հույս անգամ լիներ, որ «Սելենի» ուղևորները կենդանի են, նա տակնուվրա կաներ ամեն ինչ, որպեսզի հասներ նրանց։ Բայց չէ՞ որ նրանք արդեն զոհվել էին, էլ ինչու փնտրել ու գտնել նրանց, վտանգի ենթարկելով ուրիշների կյանքը։ Ինքն անձամբ գտնում էր, որ Լուսնի հավերժական բլուրները՝ լավագույն գերեզմանն են։ | ||
+ | |||
+ | Գլխավոր ինժեներ Լոուրենսը մի վայրկյան անգամ չէր կասկածում, որ ուղևորները զոհված են, այդ էին վկայում բոլոր հանգամանքները։ Ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Սելենը» գրաֆիկի համաձայն, թողնում էր Խառնարանային լիճը, իսկ կիրճի կեսը լցված է փլվածքով։ Այդ ժայռաբեկորներից յուրաքանչյուրը կարող էր փոշեգնացը ճզմել, ինչպես թղթի խաղալիքը։ Օդը մի ակնթարթում դուրս է եկել ճեղքվածքներից և ուղևորները շնչահեղձ են եղել։ Եթե լուսնանավը հրաշքով անվնաս մնացած լիներ, ռադիոկենտրոնը կընդուներ նրա ազդանշանները։ Փոքր ավտոմատ ռադիոփարոսը պատրաստված է այնպես, որպեսզի դիմանա ամեն մի հարվածի ու ցնցումի։ Իսկ եթե նա չի գործում, ուրեմն «Սելենին» թունդ է հասել․․․ | ||
+ | |||
+ | Նախ պետք է որոշել, թե որտեղ են փշուրները։ Դա այնքան էլ բարդ հարց չէ, նույնիսկ եթե նրանք թաղված են միլիոնավոր տոննա քարերի տակ։ Կան գեոֆիզիկական սարքեր, ամենաբազմազան մետաղորոնիչներ։ Ճեղքվածքների միջով խցիկից օդը դուրս է պրծել լուսնային դատարկություն (գրեթե դատարկություն)։ Նույնիսկ հիմա, թեպետև անցել է մեկ ժամից ավելի, պետք է ածխածնագազի ու թթվածնի հետքեր լինեն։ Նրանց կհայտնաբերեն ինդիկատորները, որոնց օգնությամբ ստուգվում է տիեզերանավերի հերմետիկությունը։ Հենց որ փոշեսահնակները խարսխակայան վերադառնան՝ վառելանյութ վերցնելու և լիցքավորվելու համար, նա ինդիկատորներով կզինի նրանց ու կուղարկի փլուզումների շրջանը, թող ամեն ինչ հոտոտեն։ | ||
+ | |||
+ | Մի խոսքով, նավ գտնելը հնարամտություն չէ։ Բայց նրանց հասնելը շատ ավելի դժվար կլինի։ Այստեղ, ոչինչ չի կարելի խոստանալ, բացի միլիոնների հասնող ծախսերից։ (Տեսնես ի՛նչ կասեր գլխավոր ադմինիստրատորը, եթե լսեր)։ Նախ և առաջ, տեխնիկապես հնարավոր չէ այնտեղ հասցնել ծանր մեքենաներ, որոնք կարողանան շրջել հազարավոր տոննանոց ժայռաբեկորները։ Արագաշարժ փոշեսահնակները ձեռք չեն տա, պետք են լոնդոզերներ (ինչպես դրանք տեղափոխես Ծարավի ծովով) և հելիգնիտի մի քանի հրթիռներ՝ պայթեցման աշխատանքների համար։ Ոչ, այդ հարցը վերանում է։ Իհարկե, կարելի է հասկանալ ադմինիստրատորին․․․ Բայց սիզիֆյան այս աշխատանքը դնել առանց այն էլ ծանրաբեռնված իմ Տեխնիկական վարչության վրա, շատ֊շատ կլինի։ | ||
+ | |||
+ | Ու Լոուրենսը ձեռնամուխ եղավ հնարավորին չափ տակտով (գլխավոր ադմինիստրատորից մի «ոչ»֊ով հոգիդ չես ազատի) զեկուցագիր կազմելուն։ Նրա իմաստը հետևյալն էր․ «Ա․ Աշխատանքը գրեթե հաստատ անիրագործելի է։ Բ․ Նույնիսկ եթե հնարավոր լինի կատարել, կպահանջվեն միլիոններ ու բացառված չեն մարդկային նոր զոհերը։ Գ․ Եվ, վերջապես, այս ամենը հնարավոր չէ»։ Բայց փորձիր ասել այդպես ուղղակի․․․ Պետք են նաև պատճառաբանություններ։ Ահա թե ինչու գլխավոր ինժեների զեկուցագիրը վերջնական տեսքով պարունակում էր երեք հազար բառից ավելի։ | ||
+ | |||
+ | Թելադրելը վերջացնելով, Լոուրենսը լռեց, մտածելով, թե էլ ինչ կարելի է ավելացնել, ու ոչինչ չգտնելով ավարտեց․ «Գաղտնի»։ Գլխավոր ադմինիստրատորին։ Ֆարսայդի գլխավոր ինժեներին։ Ավագ դիսպետչերին։ «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետին։ Կենտրոնական արխիվ»։ | ||
+ | |||
+ | Նա սեղմեց պատճենահանող սարքի կոճակը։ Քսան րոպե՝ տելեֆաքսը նրան հանձնեց նրա զեկուցագրի բոլոր քսան էջերը, անբասիր կերպով արտատպված, կետադրության նշանները տեղը֊տեղին, քերականական սխալներն ուղղված։ Լոուրենսը արագ աչքի անցկացրեց բնագիրը, ստուգելով էլեկտրաքարտուղարուհուն (ըստ սովորության այդ տեսակի բոլոր սարքավորումները վերագրում էին իգական սեռին)։ Էլեկտրաքարտուղարուհին նույնպես երբեմն սխալվում էր, մանավանդ մեծ ծանրաբեռնվածության դեպքում, երբ միաժամանակ թելադրում էին տասը֊քսան հոգի։ Եվ, ընդհանրապես, ոչ մի նորմալ մեքենա չի կարող տիրապետել մի այնպիսի արտառոց լեզվի բոլոր նրբերանգներին, ինչպիսին անգլերենն է։ Էլ չենք ասում այն մասին, որ ամեն մի լրջախոհ մարդ մի վերջին անգամ աչքի է անցկացնում իր զեկուցագիրը, մինչև ղեկավարությանն ուղարկելը։ Ինչպիսի մեծ հիասթափություններ են ապրել նրանք, ովքեր ամբողջովին հույսերը դրել են էլեկտրոնիկայի վրա․․․ | ||
+ | |||
+ | Լոուրենսին վեց էջ էր մնացել ստուգելու, երբ հեռախոսն սկսեց զանգահարել։ | ||
+ | |||
+ | ― Լագրանժ֊2֊ը» կանչում է, ― զեկուցեց գործարկուն (որը ավտոմատ չէր)։ ― Ոմն դոկտոր Լոուսոն ուզում է խոսել ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | «Լոուսո՞ն։ Դա որտեղի՞ց լույս ընկավ», ― ինքն իրեն հարցրեց գլխավորը։ Եվ անմիջապես հիշեց․ հա, իհարկե, այդ այն աստղագետն է, որ «Սելենը» փնտրում էր հեռադիտակով։ Թերևս նրան հաղորդել են արդեն, որ ավելորդ բան է դա։ | ||
+ | |||
+ | Գլխավոր ինժեները դեռևս չէր հանդիպել դոկտոր Լոուսոնին։ Նա չգիտեր, որ տիեզերական աստղագետը շատ դյուրագրգիռ ու շատ շնորհալի մի երիտասարդ է։ Բացի այդ, խիստ կամակոր, որ այս դեպքում ամենից կարևորն էր։ | ||
+ | |||
+ | Թոմը արդեն սկսել էր քանդել ինֆրակարմիր տեղարկուն, բայց հանկարծ մտքովն անցավ․ սարքավորումը գրեթե պատրաստ է, ինչո՞ւ թեկուզ հանուն զուտ գիտնական հետաքրքրության՝ չփորձել այն։ Նա հիրավի հպարտանում էր փորձարարի իր տաղանդով, բավականին հազվադեպ այժմ, երբ այսպես կոչված աստղագետների մեծամասնությունը իրականում մաթեմատիկոսներ են և նույնիսկ մոտ չեն եկել աստղադիտարանին։ | ||
+ | |||
+ | Միայն համառությունն էր օգնում Լոուսոնին ոտքի վրա մնալու, այնքան որ խիստ հոգնած էր։ Եթե սարքը հիմա չաշխատեր, Թոմը մի կողմ կթողներ փորձարկումը և կպառկեր քնելու։ Բայց երբեմն (շատ հազվադեպ) հմտությունը պսակվում է հաջողությամբ։ Այդպես եղավ նաև այս անգամ․ ինֆրահետախույզը գործեց։ Փոքր֊ինչ կարգավորումից հետո՝ էկրանի վրա տող առ տող, ինչպես հնօրյա հեռուստացույցների վրա, երևաց Ծարավի ծովի պատկերը։ | ||
+ | |||
+ | Լուսավոր կետերը համապատասխանում էին համեմատաբար տաք տեղամասին, մութ կետերը՝ սառին։ Ծարավի ծովը գրեթե սև էր, բացառությամբ մի վառ լուսաշերտից այնտեղ, որտեղ արևի ճառագայթները խանձում էին նրա հարթ մակերեսը։ Ուշադրությամբ զննելով, Թոմը մութ ֆոնի վրա նշմարեց հազիվ նկատելի մի հետք՝ ասես Լուսնի լույսով ողողված երկրային այգում խխունջ է սողացել։ | ||
+ | |||
+ | Ոչ մի տարակույս․ «Սելենի» ջերմային հետքն է։ Նա տեսնում էր նույնիսկ կեռմանները այն փոշեսահնակների, որոնք դեռևս փնտրում էին նավը։ Բոլոր հետքերը միախառնվում էին Անմատչելիության լեռների մոտ, այնուհետև նրանք կորչում էին տեսադաշտից։ | ||
+ | |||
+ | Լոուսոնը շատ հոգնած էր, որպեսզի ուշադրությամբ նայեր էկրանին՝ ասենք չարժեր էլ։ Չէ որ հետքերը միայն հաստատում էին այն, ինչ առանց այդ էլ արդեն հայտնի էր։ Իհարկե, հաճելի է, որ իր հավաքած սարքերից մեկը ևս ենթարկվում է իրեն։ Ձևի համար Թոմը մի լուսանկար հանեց Էկրանից ու գնաց քնելու։ | ||
+ | |||
+ | Երեք ժամ հետո Լոուսոնը արթնացավ։ Քուն չէր, այլ տառապանք, նա ամենևին չհանգստացավ, ինչ֊որ մի բան հանգիստ չէր տալիս նրան։ Ինչպես շարժվող փոշու խշշոցը լարեց Պաթ Հարրիսի ուշադրությունը թաղված «Սելենի» մեջ, այնպես էլ Լուսնից հիսուն հազար կիլոմետրի վրա գտնվող Թոմ Լոուսոնին արթնացրեց մի ինչ֊որ չնչին բան, հազիվ նշմարելի մի շեղում նորմայից։ Մարդկային գիտակցությունը պահապան գամփռներ շատ ունի, երբեմն նրանք հաչում են անտեղի, բայց խելացի մարդը երբեք չի արհամարհում ազդանշանները։ | ||
+ | |||
+ | Դեռ ինչպես հարկն է չարթնացած, Թոմը դուրս եկավ իր նեղ սենյակից, կառչեց փոխադրական պարանից և զրոյական ձգողակնությամբ անցումների երկայնքով սահեց դեպի աստղադիտարան։ Կիսաբերան բարի լույս մաղթեց (թեև արբանյակի վրա արդեն պայմանական երեկո էր) այն պաշտոնակիցներին, որոնք չհասցրին մի կողմ թեքվել, ու շտապեց մենակ մնալ իր սիրած սարքերի հետ։ | ||
+ | |||
+ | Նա լուսանկարչական խցիկից դուրս քաշեց նկարը և նայեց։ Մի կարճ հետք Անմատչելիության լեռներից ձգվում էր դեպի Ծարավի ծովը՝ ընդհատվելով ափից ոչ հեռու։ | ||
+ | |||
+ | Թոմը տեսել էր այդ հետքը մի քանի ժամ առաջ, երբ նայում էր էկրանին՝ չէր կարող չտեսնել։ Եվ ուշադրություն չէր դարձրել նրա վրա։ Լուրջ, գրեթե աններելի վրիպում գիտնականի համար։ Թոմ Լոուսոնը իսկականից ջղայնացավ իր վրա։ Դիտունակությունը չպետք է կախված լինի հապճեպ եզրահանգումներից։ | ||
+ | |||
+ | Բայց, այնուհանդերձ, ինչ կնշանակի այդ։ Խոշորացույցով զինված, Թոմը մանրախնդրորեն զննում էր ամբողջ շրջանը։ Լուսավոր շերտը վերջանում էր մի անորոշ բծով, ― տեղում այդ մի «անորոշը» մոտ երկու հարյուր մետր էր կազմում տրամագծով։ Տարօրինակ է, կարելի է կարծել, որ «Սելենը» լեռները թողնելով, տիեզերանավի նման թռել է։ | ||
+ | |||
+ | Սկզբում Թոմը որոշեց, որ նավը պայթել է և ջերմային բիծը՝ պայթյունի հետքն է։ Բայց այդ դեպքում բեկորները պետք է մնային փոշե ծովի մակերեսին։ Եվ փոշեսահնակները կգտնեին դրանք։ Ահա և պարզ երևում է փոշեսահնակի հետքը, որն անցել է հենց այստեղով։ | ||
+ | |||
+ | Ուրեմն, այլ պատասխան պետք է որոնել։ Մի տարբերակ է մնում միայն՝ ու բոլորովին անհավանական։ Անհնար է պատկերացնել, որ հսկայական Լուսագնացը սուզվել է Ծարավի ծովը լոկ այն պատճառով, որ նրանից ոչ հեռու տեղի է ունեցել ստորերկրյա ցնցում։ Ոչ, ոչ, չի կարելի միայն մի լուսանկարից ելնելով, կապվել Լուսին և ասել․ «Դուք այնտեղ չեք փնտրում»։ Թեև Թոմը ձևացնում էր, որ իր համար միևնույնն է ուրիշների կարծիքը, նա խիստ վախենում էր անախորժ դրության մեջ ընկնելուց։ Մինչև այդ ֆանտաստիկ տեսության մասին բարձրաձայն խոսելը, հարկվոր է ուրիշ վկայություններ ևս ձեռք բերել։ | ||
+ | |||
+ | Այժմ արդեն պայծառ լույսով ողողված Ծովը հեռադիտակով դիտելիս միանգամայն հարթ էր երևում։ Տեսողական դիտումը միայն հաստատում էր այն, ինչում Թոմ Լոուսոնը համոզվել էր դեռևս մինչև արևածագը․ փոշե հարթության վրա ոչ մի թումբ անգամ չկար։ Ինֆրակարմիր տեղարկուն նույնպես չօգնեց։ Ջերմային հետքերը կորան, ջնջեցին արևի ճառագայթները։ | ||
+ | |||
+ | Թոմը սարքը հարմարեցրեց ծայրագույն զգայունության ու մի անգամ ևս զննեց այն տեղամասը, որտեղ հետքը ընդհատվում էր։ Հանկարծ մի որևէ նշույլ մնացած լինի, ջերմային բիծ՝ բավական նկատելի, որպեսզի հնարավոր լինի նրան հայտնաբերել նույնիսկ հիմա, երբ Լուսնի վրա բացվել է արշալույսը․․․ Չէ որ արևը նոր֊նոր է ծագել, նրա ճառագայթները դեռևս չեն հասել իրենց կործանիչ ուժգնությանը։ | ||
+ | |||
+ | Այս ի՞նչ բան է․․․ Մի՞թե ինձ թվում է։ Ծայրահեղ լարվածության դեպքում սարքը կարող է սխալվել, սակայն Թոմ Լոուսոնը վստահ էր, որ էկրանի վրա տեսնում է հազիվ նշմարելի առկայծում ճիշտ այնտեղ, որտեղ ընդհատվում էր հետքը լուսանկարի վրա։ | ||
+ | |||
+ | Բայց այս ամենը այնքան անհամոզիչ է։ Ո՞ր գիտնականը կհամարձակվի իրեն դնել քննադատության կրակի տակ, ունենալով այդքան խախուտ տվյալներ․․․ Լռե՞լ։ Եվ ոչ ոք ոչինչ չի իմանա, ― բայց ամբողջ կյանքում նրան կհետապնդի կասկածը։ Իսկ պատմել իր ենթադրության մասին՝ նշանակում է հույս ներշնչել, որը կարող է ունայն դուրս գալ։ Մեկ էլ տեսար ծիծաղատեղի կդառնաս արեգակնային ողջ համակարգությունով մեկ կամ կմեղադրեն ինքնագովեստով զբաղվելու մեջ։ | ||
+ | |||
+ | Բայց մի երրորդ հնար չկա, պետք է որոշել։ Շատ դժկամորեն, հիանալի հասկանալով, որ այդ քայլն անելուց հետո չի լինի նահանջել, Թոմը վերցրեց հեռախոսի լսափողը։ | ||
+ | |||
+ | ― Խոսում է Լոուսոնը, ― ասաց նա։ ― Ինձ միացրե՛ք Լուսնի հետ, շտա՛պ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ ութերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | «Սելենի» ուղևորներին մատուցած նախաճաշը առանձնապես ընտիր չէր, բայց բավականին սննդարար էր։ Ճիշտ է, ուղևորներից շատերը դժգոհ էին․ թխվածքն ու մի խտածոն, մի գդալ մեղրն ու մի բաժակ տաք ջուրը չէին համապատասխանում առատ հացկերույթի մասին նրանց պատկերացմանը։ Սակայն կոմոդորը անդրդվելի էր։ | ||
+ | |||
+ | ― Հայտնի չէ, ինչքան մենք կնստենք այստեղ, ― ասաց նա։ ― Եվ վախենում եմ, ստիպված պետք է լինենք յոլա գնալ առանց տաք կերակուրի։ Նախ, պատրաստելու տեղ չկա, երկրորդ, խցիկում առանց այն էլ շոգ է։ Ցավոք, չի լինի նաև թեյ կամ սուրճ։ Ազնվորեն ասած, մեզ ամենևին էլ չէր խանգարի մի քանի օր կրճատել կալորիաների սպառումը։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերն ասելուն պես Հանստենի մտքով տիկին Շաստերն անցավ․ չընդունի՞ հանկարծ որպես իր դեմ ուղղված հարձակում․․․ փաստաբանի կինը զբաղեցնում էր մեկ ու կես բազկաթոռ, առանց սեղմիրանի նա հիշեցնում էր բարեհոգի գետաձիու։ | ||
+ | |||
+ | ― Վերևում հենց նոր ծագել է արևը, ― շարունակեց կոմոդորը։ ― Փրկարարները աշխատում են ամբողջ թափով, այժմ միայն ժամանակի հարց է, թե երբ կգտնեն մեզ։ Նույնիսկ կարելի է գրազ գալ։ Ձեր ենթադրությունները հայտնեցեք միսս Մոռլիին ― նա պահում է նավային օրամատյան։ Իսկ այժմ օրվա ծրագրի մասին։ Պրոֆեսոր Ջայավարդեն, դուք չե՞ք պատմի, թե ինչով կարող է մեզ ուրախացնել Զվարճությունների հանձնաժողովը։ | ||
+ | |||
+ | Վտիտ, թռչնագլուխ և անսպասելիորեն բարեհամբույր շագանակագույն մեծ աչքերով պրոֆեսորը շատ լուրջ էր վերաբերվել զվարճության հարցին։ Այդ էին պերճախոս վկայում այն թերթիկները, որ նա բռնել էր իր բարակ թուխ ձեռքում։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես ձեզ հայտնի է, ― սկսեց նա, ― ես թատրոնի սիրահար եմ։ Սակայն վախենում եմ այս դեպքում ոչինչ չստացվի։ Հետաքրքրիր կլիներ պիեսը կարդալ գործող անձերով, ես նույնիսկ մտածում էի հիշողությամբ գրի առնել մի քանի գործողություն։ Բայց ափսո՜ս, որ թուղթը քիչ է։ Ուրեմն, պետք է այլ ելք փնտրել։ Նավում եղած գրականությունը շատ չէ, և որոշ գրքեր խիստ մասնակի բնույթ են կրում։ Բայց ունենք երկու վեպ՝ դասական վեստերն՝<ref>Վեստերն ― ամերիկյան կովբոյական ստեղծագործություն։</ref> «Շեյնի» համալսարանական հրատարակությունը ու «Նարինջ ու խնձոր» նոր պատմավեպը։ Առաջարկում եմ առանձնացնել մի քանի ընթերցողներ և այդ գրքերը բարձրաձայն կարդալ։ Կա՞ն առարկություններ, կամ այլ առաջարկներ։ | ||
+ | |||
+ | ― Մենք ուզում ենք պոկեր խաղալ, ― լսվեց մի կորովի ձայն խցի պոչամասից։ | ||
+ | |||
+ | ― Բայց ախր չի կարելի անընդհատ պոկեր խաղալ, ― առարկեց պրոֆեսորը, հանդես բերելով այդ կարգի մարդկանց հոգեբանության իմացություն։ | ||
+ | |||
+ | Նրան օգնության եկավ կոմոդորը։ | ||
+ | |||
+ | ― Ընթերցումը պոկերին չի խանգարում, ― ասաց նա։ Իսկ ընդհանրապես ես ձեզ խորհուրդ եմ տալիս երբեմն ընդմիջում անել, այդ խաղաթղթերը երկար չեն դիմանա։ | ||
+ | |||
+ | ― Եվ այսպես, ո՞ր գրքից ենք սկսում, և ո՞վ է կարդալու։ Ես հաճույքով կկարդամ, բայց լավ կլինի մի փոխարինող նախապատրաստել։ | ||
+ | |||
+ | ― Ըստ իս, չարժե ժամանակ վատնել «Նարինջ և խնձորի» վրա, ― միջամտեց միսս Մոռլին։ Դա՝ պարզապես անպետք գիրք է, ը՜․․․համարյա պոռնիկագրական։ | ||
+ | |||
+ | ― Որտեղի՞ց գիտեք դուք, ― հարցրեց Դեվիդ Բարրետը, թեյը գովող անգլիացին։ | ||
+ | |||
+ | Պատասխանը եղավ զայրալից քրթմնջոցը։ Պրոֆեսոր Ջայավարդենը շվարեց և մտահոգ նայեց կոմոդորին, պաշտպանություն փնտրելով նրա մոտ։ Իզուր։ Հանստենը սևեռուն հայացքով նայում էր ուրիշ կողմ։ Պետք չէ, որպեսզի ուղևորները ամեն հարցով իրեն դիմեն։ Թող, որքան հնարավոր է առանց իրեն յոլա գնան։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ, ― վերջապես ասաց պրոֆեսորը։ ― Որպեսզի չվիճենք, սկսենք «Շեյնից»։ | ||
+ | |||
+ | Բողոքարկու բացականչություններ լսվեցին․ «Մենք «Նարինջ ու խնձորն ենք ուզում»։ Սակայն պրոֆեսորը անսպասելի հաստատակամություն հանդես բերեց։ | ||
+ | |||
+ | ― Դա շատ ձգձգված գիրք է, ― պատասխանեց նա, ― հազիվ թե մենք հասցնենք ավարտել այն մինչև փրկարարների երևալը։ | ||
+ | |||
+ | Ջայավարդենը կոկորդը մաքրեց, մի հայացք գցեց շուրջը համոզվելու համար չկան այլևս առարկողներ, ապա սկսեց կարդալ շատ հաճելի քաղցրահունչ ձայնով։ | ||
+ | |||
+ | ― Նախաբան․ «Վեստերնի դերը տիեզերական դարում»։ Հեղինակ՝ անգլերեն լեզվի պրոֆեսոր Կարլ Ադամս։ Նախաբանի հիմքում ընկած են Չիկագոյի համալսարանի քննադատության սեմինարի աշխատանքները։ | ||
+ | |||
+ | Թղթամոլները դեռևս չէին ավարտել իրենց գործը․ նրանցից մեկը տենդագին տնտղում էր թղթի կտորները, որոնք որպես խաղաթուղթ էին ծառայում։ Մնացած ուղևորները բազմեցին իրենց տեղերում ավելի հարմար։ Ոմանց աչքերը արտահայտում էին ձանձրույթ, մյուսներինը՝ հետաքրքրություն։ Միսս Ուիլքինզը օդահանքի խցիկում ստուգում էր պարենի պաշարը։ Հեզահամբույր ձայնը շարունակում էր․ | ||
+ | |||
+ | ― Մեր հարյուրամյակի ամենաանսպասելի իրադարձություններից մեկը եղավ «վեստերն» անվան տակ հայտնի, կես դար շարունակ շնորհազրկված ժանրի վերածնունդը։ Այդ վեպերը, որոնց գործողությունը պարզորոշ սահմանափակված է տեղով և ժամանակով՝ Երկիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մոտավորապես 1865 ―1880 թվականները, ― երկար ժամանակ դասվում էին աշխարհի ամենահանրամատչելի գրքերի շարքը։ Լույս աշխարհ եկան միլիոնավոր վեստերններ, գրեթե բոլորն էլ տպագրվում էին էժանագին ամսաթերթերում կամ հրապարակ էին գալիս առանձին, գարշելի ձևավորված գրքույկներով։ Սակայն այդ միլիոններից որոշ գործեր ունեին ինչպես գրական, նույնպես և վավերագրական արժեք, թեև պետք է միշտ հիշել, որ հեղինակները նկարագրում էին այնպիսի անցքեր, որոնք տեղի են ունեցել իրենց ծնունդից առաջ։ | ||
+ | |||
+ | Երբ քսաներորդ դարի յոթանասունական թվականներին մարդը ձեռնամուխ եղավ արեգակնային համակարգության յուրացմանը, ամերիկյան Արևմուտքի սահմանները այնքան ծիծաղաշարժ նեղ թվացին, որ ընթերցողը կորցրեց հետաքրքրությունը նրա հանդեպ։ Իհարկե, դա նույնքան անտրամաբանական է, որքան եթե մերժեն «Համլետը» այն պատճառաբանությամբ, թե դանիկան մի կորած֊մոլորած ամրոցում տեղի ունեցած դեպքերը չէին կարող ունենալ համաշխարհային նշանակություն։ | ||
+ | |||
+ | Սակայն վերջին տարիներս նկատելի է մի տեսակ հակառակ տեղաշարժ։ Արժանահավատ աղբյուրներից ինձ հայտնի է, որ վեստերները դարձել են ամենատարածված գրական ժանրը տիեզերքը ակոսող միջմոլորակային տիեզերանավերի գրադարաններում։ Ուստի եկեք փորձենք հասկանալ այդ օղակը, որ հինավուրց ամերիկյան Արևմուտքը կապում է նոր Տիեզերքի հետ։ | ||
+ | |||
+ | Դրա համար, ավելի լավ է վերանալ մեր ժամանակակից գիտական նվաճումներից ու մտովի տեղափոխվել 1870֊ական թվականների չափազանց պարզունակ աշխարհը։ Պատկերացրեք ձեզ մի հսկայածավալ, մշուշապատ հեռուներում կորչող հարթավայր, մառախլապատ լեռներով շրջապատված։ Այդ հարթավայրով անտանելիորեն դանդաղ սողում է ծանրաշարժ ֆուրգոնների քարավանը։ Քարավանը պահպանում են զինված հեծյալներ, չէ որ շուրջը հնդկական բնակատեղիներ են։ Մինչև լեռները հասնելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան արդիական լավագույն տիեզերանավերին Երկրից Լուսին թռչելու համար։ Ահա թե ինչու, այն ժամանակվա մարդկանց համար լայնատարած տափաստանները նույնքան ընդարձակ էին, որքան արեգակնային համակարգության տարածությունները մեզ համար։ Սա մեզ վեստերնների հետ կապող օղակներից մեկն է։ Կան նաև ուրիշները, ավելի կարևորները։ Դրանք պատկերացնելու համար անհրաժեշտ է, նախ քննության առնել դյուցազներգության դերը գրականության մեջ․․․»։ | ||
+ | |||
+ | «Կարծես ամեն ինչ կարգին է», ― մտածում էր կոմոդորը։ Մեկ ժամից ավելի կարդալ չարժե։ Այդ ժամանակաընթացքում պրոֆեսորը կվերջացնի նախաբանը և կկարդա վեպի մի քանի գլուխ։ Իսկ ապա՝ կարելի է մեկ այլ զբաղմունք գտնել։ Ավելի լավ է ընթերցանությունը ընդհատել մի շատ հուզիչ միջադեպի վրա, որպեսզի ունկնդիրները անհամբերությամբ սպասեն շարունակությանը։ | ||
+ | |||
+ | Լուսնային փոշու մեջ գերության երկրորդ օրը սկսվեց առանց բարդությունների, լավ տրամադրությամբ։ Բայց դեռևս քանի՞ օր կար առջևում․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | Այս հարցի պատասխանը կախված էր երկու հոգուց, որոնք, թեպետ նրանց բաժանում էր հիսուն հազար կիլոմետր, հենց սկզբից միմյանց դեմ լցվեցին չարակամությամբ։ Դոկտոր Լոուսոնի հաշվետվությունը հակասական զգացումներ ծնեց գլխավոր ինժեների հոգում։ Այդ աստղագետը տգեղ խոսելակերպ ունի, եթե հատկպես նկատի ունենանք, որ պատանին դիմում է պետին, որը երկու անգամ իրենից մեծ է։ «Նա ինձ հետ այնպես է խոսում, ― սկզբում ներողամտաբար, ապա ավելի ու ավելի բարկանալով մտածեց Լոուրենսը, ― ասես ես մի հիմար երեխա լինեմ, որին պետք է ամեն ինչ ծամել ու բերանը դնել․․․»։ | ||
+ | |||
+ | Լսելով Լոուսոնին, գլխավոր ինժեները մի քանի վայրկյան լռությամբ զննեց տելեֆաքսի հաղորդած լուսանկարները։ Առաջինը, որ արվել էր մինչև արևի ծագելը, կարծես համոզիչ էր, սակայն, դեռևս ոչինչ չէր ապացուցում։ Արևածագից հետո արված լուսանկարի վրա չի երևում այն, ինչի մասին ասում էր աստղագետը։ Գուցև նախօրինակի վրա մի բան նկատելի է, բայց եկ ու հավատա անդուր երիտասարդի խոսքին։ | ||
+ | |||
+ | ― Այս ամենը շատ հետաքրքիր է, ― վերջապես ասաց Լոուրենսը, ― բայց ափսոս, որ դուք չեք շարունակել դիտումները առաջին լուսանկարը անելուց հետո։ Եթե այդպես անեիք, թերևս մենք ավելի համոզիչ տվյալներ ունենայինք։ | ||
+ | |||
+ | Թեև քննադատությունը տեղին էր (իսկ գուցեև հենց այդ պատճառով), Թոմը համբերությունից դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք գտնում եք, որ մեկ ուրիշը ավելի լավ կաներ․․․ ― գազազած ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Ինչ եք ասում, ես այդ մասին անգամ չէի էլ մտածում, ― խաղաղասիրաբար պատասխանեց Լոուրենսը։ ― Բայց ի՞նչ կտա այդ ամենը մեզ։ Որքան էլ ձեր մատնանշած կետը փոքր լինի, նրա կոորդինատները կարող են տատանվել կես կիլոմետրի, իսկ թերևս նաև ավելինի սահմաններում։ Վախենում եմ, որ մակերևույթի վրա ոչինչ չի երևում, նույնիսկ ցերեկը։ Հնարավոր չէ՞ արդյոք ավելի ստույգ տվյալներ ունենալ։ | ||
+ | |||
+ | ― Կարելի է։ Շատ հեշտությամբ․ միևնույն տեխնիկան պետք է կիրառել Լուսնի վրա։ Տեղամասը հետազոտեք ինֆրակարմիր տեղարկուով։ Նա անմիջապես ցույց կտա բոլոր ջերմային կետերը, եթե նույնիսկ նրանց ջերմաստիճանը չնչին չափով բարձր է շրջակա միջավայրի ջերմաստիճանից։ | ||
+ | |||
+ | ― Վատ միտք չէ, ― ասաց գլխավորը։ ― Ես կտեսնեմ, թե ինչ կարելի է անել, ու կկապվեմ ձեզ հետ, եթե ինձ հարկ լինի էլի որևէ բան իմանալ։ Շնորհակալ եմ․․․ դոկտոր։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը շտապ ցած դրեց լսափողը, ճակատը սրբեց ու անմիջապես խնդրեց, որպեսզի իրեն նորից միացնեն արբանյակի հետ։ | ||
+ | |||
+ | ― «Լագրանժ֊2»։ Ըրթսայդի գլխավոր ինժեներն է խոսում։ Կայանի պետին, խնդրեմ․․․ Պրոֆեսոր Կոտելնիկո՞վ։ Լոուրենսն է․․․ Շնորհակալ եմ, առողջությունս վատ չէ։ Ես հենց նոր խոսեցի ձեր դոկտոր Լոուսոնի հետ․․․ Չէ, չէ, նա ոչինչ չի արել, բայց քիչ էր մնացել համբերությունից հաներ։ Լոուսոնը փնտրել է մեր կորած փոշեգնացը, ու նրան թվում է, որ գտել է այն։ Ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե որքա՞ն ձեռնահաս է նա։ | ||
+ | |||
+ | Հաջորդ հինգ րոպեում գլխավոր ինժեները բավականաչափ շատ բան իմացավ երիտասարդ դոկտոր Լոուսոնի մասին․ թերևս, նույնիսկ ավելին, քան կարող էր իմանալ նա ի պաշտոնե։ Օգտվելով առիթից, որ պրոֆեսոր Կոտելնիկովը մի պահ ընդհատեց, որպեսզի շունչ քաշի, Լոուրենսը կարեկցաբար նկատեց․ | ||
+ | |||
+ | ― Այժմ հասկանում եմ, թե ինչու եք նրա հետ հաշտվում։ Խեղճ երիտասարդ, իսկ ես կարծում էի, թե որբանոցները վերջացել են Դիկենսով ու քսաներորդ դարով։ Փա՜ռք աստծո, որ որբանոցը այրվել է։ Դուք կարծում եք նա՞ է հրկիզել։ Լավ, դա կարևոր չէ, դուք ասացիք, որ նա հիանալի դիտորդ է, և այդ բավական է ինձ համար։ Շատ շնորհակալ եմ։ Միգուցե հյո՞ւր գայիք մեզ մի առիթով։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը կես ժամվա ընթացքում կապվեց Լուսնի վրա գտնվող տասնյակ տարբեր կայանների հետ։ Նա հարուստ տեղեկություններ հավաքեց․ այժմ պետք էր գործել։ | ||
+ | |||
+ | «Պլատոն աստղադիտարան։ Պատեր Ֆերրարոն գտնում էր, որ Լոուսոնի կռահումը միանգամայն ճշմարտանման է։ Ինքը նույնպես արդեն կասկածում էր, որ լուսնաշարժի օջախը Ծարավի ծովի, այլ ոչ թե Անմատչելիության լեռների տակ է։ Սակայն չի կարող ապացուցել, որովհետև Ծարավի ծովը խեղդում է բոլոր տատանումները։ Ոչ, խորքերի լրիվ քարտեզը դեռևս կազմված չէ, իսկ ողջ հատակը արձագանքաչափով տնտղելը՝ շատ երկարատև ու ծանր աշխատանք է։ Ինքը անձամբ որոշ տեղեր իջեցրել է հեռադիտակային զննաձողը, ամենուրեք խորությունը քառասուն մետիրց չէր անցնում։ Իր հաշվումներով, միջին խորությունը մոտ տասը մետր է, ափերի երկայնքով՝ ավելի սաղր։ Ինֆրակարմիր հայտնակ (դետեկտոր) չունի ինքը, բայց, միգուցե, Ֆարսայդի աստղագետները կարո՞ղ են օգնել։ | ||
+ | |||
+ | «Դոստոևսկի»։ Ցավոք սրտի, ինֆրակարմիր հայտնակ չկա։ Մենք աշխատում ենք ուլտրամանիշակագույնի գոտում։ Փորձեցեք հարցում անել «Վեռն»֊ին։ | ||
+ | |||
+ | «Վեռն»։ Այո, մենք աշխատել ենք ինֆրակարմիր գոտում, մի քանի տարի առաջ կատարել ենք կարմիր հսկաների լուսակաչափումներ։ Բայց պատկերացրեք՝ որքան էլ լուսնային մթնոլորտը նոսր է, խանգարումներ կային։ Ստիպված էինք հետազոտությունները փոխադրել տիեզերք։ Իսկ դուք հարցում արեք «Լագրանժին»․․․ | ||
+ | |||
+ | Ապա Լոուրենսը Դիսպետչերականին խնդրեց հաղորդել իրեն Երկրից դուրս եկող տիեզերանավերի չվացուցակը։ Պատասխանը նրան ձեռք էր տալիս, բայց հաջորդ քայլը բավականին ծախսեր էր պահանջում, որ կարող էր թույլատրել միայն գլխավոր ադմինիստրատորը։ | ||
+ | |||
+ | Ուլսենը մի հոյակապ հատկություն ուներ․ նա երբեք անտեղի չէր վիճում ենթակաների հետ այն հարցերի մասին, որոնք գտնվում էին նրանց լիազորությունների շրջանակում։ Ուշադիր կերպով լսելով Լոուրենսին, գլխավոր ադմինիստրատորը անմիջապես ամփոփեց․ | ||
+ | |||
+ | ― Եթե աստղագետը կռահել է, ― ասաց նա, ― հույս կա, որ նրանք դեռևս կենդանի են։ | ||
+ | |||
+ | ― Ոչ միայն հույս՝ ես գրեթե համոզված եմ դրանում։ Չէ՞ որ ծովը սաղր է, ուրեմն, նրանք չէին կարող սուզվել շատ խորը։ Ճնշումը նավիրանի վրա այնքան էլ մեծ չէ, այնպես որ կարող էր դիմանալ։ | ||
+ | |||
+ | ― Եվ դուք ուզում եք, որպեսզի այդ Լոուսոնը օգնի որոնումների գործում։ | ||
+ | |||
+ | Գլխավոր ինժեները ձեռքերը տարածեց։ | ||
+ | |||
+ | ― Ուզում եմ։ Ոչ, ես չէի ցանկանա գործ ունենալ նրա հետ։ Բայց վախենում եմ, առանց նրա մենք պարզապես գլուխ չենք հանի։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ իններորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | «Աուրիգա բեռնատար տիեզերանավի հրամանատարը մոլեգնում էր, անձնակազմը նույնպես, բայց ստիպված էին ենթարկվելու։ Երկրից դուրս գալուց տասը ժամ հետո, երբ հինգ ժամվա թռիչք էր մնացել մինչև Լուսին, հրաման ստացվեց մոտենալ «Լագրանժին»։ Արագության կորուստ, լրացուցիչ հաշվարկներ․․․ Դրան ավելացրած նաև այն, որ Կլավիի փոխարեն վայրէջք պետք է կատարել այդ խուլ անկյունում, Պորտ֊Ռորիսում, համարյա Լուսնի հակառակ կողմը։ Դեպի Հարավային կիսագնդի տարբեր ծայրերը թռան ճաշկերույթներն ու հանդիպումները վերացնող ռադիոգրեր․․․ | ||
+ | |||
+ | «Աուրիգան» կանգ առավ «Լագրանժ֊2֊ից» հարյուր կիլոմետր հեռավորության վրա․ հեռվում փայլում էր արծաթավուն լիալուսինը՝ ամբողջովին չեչոտ, արևելյան երկարությամբ լեռների ծածանքով բոլորազարդ։ Արբանյակին հարյուր կիլոմետրից պակաս չէր կարելի մոտենալ․ հրթիռի ապարատներից առաջ եկած խանգարումները ինչպես նաև շարժիչների ճառագայթումը խախտում էին տիեզերական կայանի զգայուն սարքերի աշխատանքը։ Միայն քիմիական վառելանյութով գործող հին հրթիռներին էր թույլատրվում թռչել «Լանգրանժի» մոտով, պլազմային ու ատոմային շարժիչների համար արգելք էր սահմանված։ | ||
+ | |||
+ | Թոմ Լոուսոնը երկու ճամպրուկներով (փոքրում հագուստեղենը, մեծում՝ սարքերը) տեղական հաղորդակցության հրթիռով թողեց «Լագրանժ֊2֊ը» և քսան րոպե անց բեռնատար տիեզերանավի վրա էր։ Օդաչուն չէր շտապում, չնայած «Աուրիգայից» նրան շտապեցնում էին։ Նոր ուղևորին դիմավորեցին բավականին սառնությամբ։ Իհարկե, Լոուսոնին միանգամայն այլ կերպ կընդունեին, եթե իմանային նրա հանձնարարության մասին, սակայն գլխավոր ադմինիստրատորը հրամայել էր այդ ամենը դեռևս գաղտնի պահել։ Ինչո՞ւ ազգականներին հույսեր տալ, որոնք կարող են և չարդարանալ։ «Լուսնաշրջիկի» պետը ուզում էր անհապաղ տեղեկացնել մամուլին՝ թող տեսնեն, որ նրանք անում են ամեն ինչ, ինչ կարող են։ Բայց Ուլսենը կտրականապես առարկեց․ | ||
+ | |||
+ | ― Սպասնեք, տեսնենք ինչ կստացվի։ Իսկ ապա՝ խնդրեմ, հրավիրեցեք լրատվական գործակալությունների ձեր բարեկամներին։ | ||
+ | |||
+ | Նրա կարգադրությունը ուշացավ․ «Աուրիգայի» վրա էր գտնվում «Ինտերփլանիթ֊նյուս» գործակալության բաժնի վարիչ Մորիս Սպենսերը, որը թռչում էր իր նոր ծառայության վայրը Կլավիում։ Սպենսերը դեռևս չգիտեր, արդյո՞ք դա պաշտոնի բարձրացում էր Պեկինից հետո, թե ընդհակառակը։ Այնուամենայնիվ, փոփոխություն էր․․․ | ||
+ | |||
+ | Ի տարբերություն մյուս ուղևորների, նա բոլորովին չէր վրդովվում ուղղությունը փոխելու կապակցությամբ։ Ուշացումը նրան չէր անհանգստացնում, ընդհակառակը, լրագրողը միշտ ուրախ պետք է լինի անսովորի համար, նա պոկվում է տաղտուկ առօրեականից։ Միթե հետաքրքրական չէ․ դեպի Լուսին մեկնող նավը վատնում է մի քանի ժամ ու հսկայական էներգիա, որպեսզի կես ճանապարհին վերցնի մի նոթոթ երիտասարդի՝ երկու ճամպրուկներով։ Իսկ ինչո՞ւ Կլավիի փոխարեն Պորտ֊Ռորիս։ «Կարգադրել են Երկրից, հրամանը վերևից է», ― բացատրեց նավապետը։ Երևում է, իսկապես, նա ավելին չգիտի։ | ||
+ | |||
+ | Մի խոսքով, հանելուկ է։ Իսկ հանելուկները՝ Սպենսերի համար հաց ու ջուր են։ Նա փորձեց կռահել, թե ինչումն է բանը։ Եվ շատ հեռու չէր իսկությունից։ | ||
+ | |||
+ | Տարակույս չկա, դա առնչվում է կորած փոշեգնացի հետ, որի մասին այնքան խոսք ու զրույց էր գնում Երկրի վրա հենց նրանց մեկնելու օրերին։ Ու «Լագրանժի» վրա աշխատող այդ գիտնականը կամ ինչ֊որ բան գիտի փոշեգնացի մասին, կամ կարող է օգնել նրա որոնումներին։ Բայց ինչո՞ւ այդպես գաղտնի։ Գուցե մի որևէ վրիպում կամ խայտառակությո՞ւն կա, որը Լուսնային ադմինիստրացիան փորձում է թաքցնել։ Այլ պատճառ Սպենսերը չէր կարողանում պատկերացնել։ | ||
+ | |||
+ | Նա չէր շտապում զրույցի բռնվել Լոուսոնի հետ ու հաճույքով դիտում էր, թե ինչպիսի հակահարված էին ստանում այն ուղևորները, որոնք փորձում էին խոսակցության բռնվել նորեկի հետ։ Մորիս Սպենսերը սպասում էր իր հերթին, և այն հասավ վայրէջքից երեսուն րոպե առաջ։ | ||
+ | |||
+ | Պատահական չէր, որ Սպենսերը հայտնվեց Լոուսոնի կողքին, երբ արգելակումից առաջ խնդրեցին տեղավորվել բազկաթոռներում և ձգել գոտիները։ Նրանց հետ ևս տասնհինգ ուղևորներ նայում էին հեռուստատեսային էկրանին, որի վրա սրընթաց մոտեցող Լուսինը նույնիսկ ավելի պայծառ էր թվում, քան իրականում։ Մթնեցրած խցիկում ասես հինավուրց ստվերատան ներսում լինեիր․ տիեզերանավերի կոնստրուկտորները կտրականապես հրաժարվել էին լուսանցույցեր անելուց՝ խիստ խոցելի համարելով դրանք։ | ||
+ | |||
+ | Բնատեսարանը արագորեն խոշորանում էր․ մի հիասքանչ, անմոռանալի պատկեր էր այդ, բայց Սպենսերը կես աչքով էր նայում։ Նրան հետաքրքրում էր հարևանի դեմքը, նրա արծվային պրոֆիլը, որը կարելի էր զանազանել էկրանի թույլ լույսով։ | ||
+ | |||
+ | ― Կարծեմ, այնտեղ մի ինչ֊որ տեղ է կորել զբոսաշրջիկներով նավը, այնպես չէ՞, ― իբր պատահաբար խոսեց նա։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― մի քիչ ուշացումով պատասխանեց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Ես շատ վատ գիտեմ Լուսնի աշխարհագրությունը․․․ | ||
+ | |||
+ | Դուք չէ՞ք լսել, թե որտեղ է պատահել դեպքը․․․ | ||
+ | |||
+ | Մորիս Սպենսերը դեռևս շատ վաղուց էր բացահայտել, որ տեղեկություն կարելի է կորզել նույնիսկ ամենաանմարդամոտ մեկից։ Հարկավոր է միայն զրուցակցին ներշնչել, որ նա շնորհ է անում ձեզ։ Ու չէ որ հրապուրիչ է սեփական լավատեղյակությամբ պարծենալը։ Այս խորամանկությունը տասից ինը դեպքերում հաջողություն էր բերում․ այդպես եղավ նաև այժմ։ | ||
+ | |||
+ | ― Նրանք ա՜յ այնտեղ են գտնվում, ― ասաց Թոմ Լոուսոնը՝ մատնացույց անելով էկրանի կենտրոնը։ ― Ահա Անմատչելիության լեռները, նրանք բոլոր կողմերից շրջապատված են Ծարավի ծովով։ | ||
+ | |||
+ | Անկեղծ հուզմունքով Սպենսերը նայում էր ուղիղ դեպի իրենց սուրացող մերթ սևին ու մերթ սպիտակին տվող լեռները։ Միայն թե օդաչուն, լինի մարդ կամ ավտոմատ, չնենգադավի․ ախր շատ արագ են նրանք ընկնում։ Բայց հանկարծ նա նկատեց, որ լեռները՝ իրենց շրջապատող գորշ բծի հետ դեպի աջ են գնում։ Ուրեմն, հրթիռը շրջվում է դեպի մի այնպիսի կետ, որը գտնվում է էկրանի ձախ կողմում։ Փա՜ռք աստծուն, այնտեղ ավելի հարթ է։ | ||
+ | |||
+ | ― Պորտ֊Ռորիսը, ― հանկարծ սեփական նախաձեռնությամբ խոսեց Թոմը, ու Սպենսերը ձախ կողմում նկատեց սևին տվող մի կետ։ ― Մենք գնում ենք այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Այ դա լավ է։ Թե չէ չեմ սիրում վայրէջք կատարել լեռներում, ― պատասխանեց լրագրողը, խոսակցությունն ուղղելով իրեն հարկավոր հունի մեջ։ ― Եթե խեղճերին քշել տարել է այդ քաոսի մեջ, հաշվիր, որ կորած են, չեն գտնի։ Բայց կարծեմ նրանք մնացել են լեռնահյուսքերի տակ, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Թոմը ներողամտաբար ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այդպես․ կարծեմ։ | ||
+ | |||
+ | ― Ինչ, իսկ մի՞թե այդպես չէ։ | ||
+ | |||
+ | Թոմ Լոուսոնը զգաց, որ ավելորդ բան ասաց։ | ||
+ | |||
+ | ― Ավելին չեմ կարող ասել ձեզ, ― պատասխանեց նա՝ գոռոզ ու մեծամիտ։ | ||
+ | |||
+ | Սպենսերը էլ վրա չտվեց։ Նա բավականին բան իմացավ, որպեսզի որոշի․ Կլավին կսպասի, այժմ ավելի կարևոր է Պորտ֊Ռորիսը։ | ||
+ | |||
+ | Նա վերջնականապես ամրապնդեց իր մտադրությունը, երբ (ոչ առանց նախանձի) տեսավ, թե ինչպես դոկտոր Թոմ Լոուսոնը երեք րոպեում անցավ բժշկական, մաքսային, ներգաղթային, արժութային և բոլոր այլ տեսակի զննումները։ | ||
+ | |||
+ | |||
+ | Եթե մի կողմնակի անձ ականջ դներ ու լսեր, թե ինչ է կատարվում «Սելենի» խցում, նա շատ կզարմանար։ Փոշեգնացի ներսում սկիզբ առած խմբերգը այնքան էլ բարեհնչյուն չէր։ Քսանմեկ հոգի, յուրաքանչյուրը իր ուզածի պես, երգում էր․ | ||
+ | |||
+ | ― Երջանիկ ծնունդ։ | ||
+ | |||
+ | Երբ աղմուկը լռեց, կոմոդոր Հանստենը հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Միսիս Ուիլյամսից բացի, էլ ո՞վ հիշեց, որ հենց այսօր է ծնվել։ Ես հասկանում եմ, որոշ կանայք մի որոշ տարիքից հետո ծածկամիտ են դառնում․․․ | ||
+ | |||
+ | Ոչ ոք այլևս չխոստովանեց, բայց ընդհանուր հռհռոցի մեջ լսվեց Դանկեն Մըքենզիի ձայնը․ | ||
+ | |||
+ | ― Ի դեպ, ծննդյան օրերի մասին․ քանիցս գրազ եմ տարել այդ առթիվ։ Տարին ունի երեք հարյուր վաթսունհինգ օր՝ ինչքա՞ն մարդ պետք է հավաքել միասին, որպեսզի նրանցից երկուսի միևնույն օրը ծնված լինելու հավանականությունը հիսուն տոկոսից ավելին կազմի։ | ||
+ | |||
+ | Մի պահ լռություն տիրեց, բոլորը մտածում էին, ապա ինչ որ մեկը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ըստ իս, երեք հարյուր վաթսունհինգը պետք է բաժանել երկուսի։ Ստացվում է հարյուր ութսուն հոգի։ | ||
+ | |||
+ | ― Պատասխանը բնական է՝ բայց ոչ ճիշտ։ Քսանհինգ հոգին բավական է։ | ||
+ | |||
+ | ― Անհեթեթությո՛ւն։ Քսանհինգ օր երեք հարյուր վաթսունհինգից․․․ Այդպիսի հարաբերակցություն չի ստացվի։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, բայց դա այդպես է։ Իսկ եթե հավաքենք քառասունից ավելի մարդ, հարյուրից իննսունի դեպքում հնարավոր է, որ երկուսի ծննդյան օրը կհամընկնի։ Մենք ընդամենը քսաներկու հոգի ենք, բայց եկեք փորձենք, դեմ չե՞ք կոմոդոր։ | ||
+ | |||
+ | ― Ամենևին։ Ես մեկ֊մեկ կմոտենամ ու կհարցնեմ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչ, ― առարկեց Մըքենզին։ ― Մեկն ու մեկը կարող է խարդախել։ Տարեթվերը հարկավոր է գրել այնպես, որպեսզի պատասխանները չլսեն։ | ||
+ | |||
+ | ― Ինչ֊որ մեկը զոհաբերեց գրեթե մաքուր մի թուղթ տուրիստական ուղեցույցից․ թուղթը պատառոտեցին քսաներկու մասի ու բաժանեցին։ Երբ ետ հավաքեցին, պարզվեց, որ Պաթ Հարրիսն ու Ռոբերտ Բրայանը ծնվել են մայիսի 23֊ին։ Բոլորը զարմանում էին, իսկ Մըքենզին հրճվում էր։ | ||
+ | |||
+ | ― Պարզապես զուգադիպությո՜ւն է, ― եզրափակեց մի թերահավատ, ու մի քանի ուղևորներ անմիջապես մաթեմատիկական թեժ վիճաբանության բռնվեցին։ | ||
+ | |||
+ | Այդ ամենը չէր գրավում կանանց՝ կամ նրանց մաթեմատիկան չէր հետաքրքրում, կա՛մ էլ նրանք խուսափում էին խոսք բաց անել ծծնդյան օրվա մասին։ | ||
+ | |||
+ | Վերջապես կոմոդորը որոշեց, որ ժամանակն է փոխել զբաղմունքի առարկան։ | ||
+ | |||
+ | ― Տիկնա՛յք և պարոնա՛յք, անցնենք մեր ծրագրի հաջորդ կետին։ Հաճույքով հայտնում եմ ձեզ, որ Զվարճությունների հանձնաժողովը՝ միսիս Շաստերի և պրոֆեսոր Ջայա․․․ մի խոսքով, մեր հարգելի պրոֆեսորի կազմով, հորինել է մի կատակ, որը կարծում եմ, բավականին հրճվանք կպատճառի մեզ։ Նրանք առաջարկում են կազմել մի դատարան և ներկա գտնվողներից յուրաքանչյուրի խաչաձև հարցաքննություն կատարել։ Դատարանի խնդիրն է պարզել, թե ինչո՞ւ ճանապարհորդության համար մենք հենց Լուսինն ենք ընտրել։ Իհարկե, մեր մեջ կգտնվեն այնպիսիները, որոնք չեն ցանկանա պատասխանել։ Ով գիտե, ― գուցե այստեղ եղածներից շատերը թաքնվում են ոստիկանությունից կամ սեփական կնոջից։ Խնդրեմ, կարող եք հրաժարվել, բայց չնեղանաք, որ դրանից մենք տհաճ եզրակացություն հանենք ձեր վերաբերյալ։ Դե, դուր եկա՞վ մեր առաջարկությունը։ | ||
+ | |||
+ | Ոմանք այն ընդունեցին խանդավառորեն, ոմանք էլ իրենց հավանություն չտալը արտահայտեցին հեգնական բացականչություններով, բայց ոչ ոք կտրականապես դեմ չեղավ, և կոմոդորը գործի կպավ։ Կարծես ինքնըստինքյան այնպես ստացվեց, որ նրան ընտրեցին դատարանի նախագահ, իսկ Իրվինգ Շաստերին դատախազ նշանակեցին։ | ||
+ | |||
+ | Բազկաթոռների առաջին կարգը երեսով դարձրին դեպի խուցը։ Այստեղ տեղեր գրավեցին նախագահն ու դատախազը։ Երբ ամեն ինչ պատրաստ էր ու դատարանի քարտուղարը (այսինքն Պաթ Հարրիսը) ներկաներին կարգի հրավիրեց, նախագահը խոսք վերցրեց։ | ||
+ | |||
+ | ― Այժմ մենք մեղավորության հարցը չենք վճռում, ― ասաց նա, հազիվ պահելով դեմքի լրջությունը։ ― Մենք պետք է որոշենք, արդյոք առկա է հանցակազամ։ Եթե վկաներից որևէ մեկը գտնի, որ իմ գիտնական պաշտոնակիցը ճնշում է գործադրում նրա վրա, կարող է բողոքել դատարանին։ Քարտուղարին խնդրում եմ հրավիրել առաջին վկային։ | ||
+ | |||
+ | ― Ը․․․ ը՜մ․․․ Ձերդ մեծապատվություն, իսկ ո՞վ է առաջին վկան, ― տեղից հարց տվեց քարտուղարը։ | ||
+ | |||
+ | Տասը րոպեանոց մի դիսկուսիա պահանջվեց՝ դատարանի, դատախազի ու հանդիսականների վիճաբանության սիրահարների մասնակցությամբ, որպեսզի լուծվեր այդ կարևոր խնդիրը։ Վերջ ի վերջո որոշեցին վիճակ հանել․ առաջինը պատասխանելու վիճակն ընկավ Դեվիդ Բարրետին։ | ||
+ | |||
+ | Հազիվ նկատելի ժպիտը դեմքին՝ վկան առաջ անցավ ու իր տեղը գրավեց նեղ միջանցքում՝ բազկաթոռների միջև։ | ||
+ | |||
+ | Իրվինգ Շաստերը, որը սպիտակեղենով քիչ էր նման պաշտոնական անձնավորության, խիստ դեմք ընդունելով՝ կոկորդը մաքրեց։ | ||
+ | |||
+ | ― Ձեր անունը Դեվիդ Բարրե՞տ է։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այդպես։ | ||
+ | |||
+ | ― Ձեր զբաղմո՞ւնքը։ | ||
+ | |||
+ | ― Մեքենաշինարար֊ինժեներ, ներկայումս կենսաթոշակառու։ | ||
+ | |||
+ | ― Միստր Բարրետ, պատմեք դատարանին, թե հատկապես ի՞նչն է բերել ձեզ Լուսին։ | ||
+ | |||
+ | ― Ես ուզում էի տեսնել, թե ինչ բան է Լուսին ասածդ։ Ճանապարհորդությունների համար ժամանակ ունեմ, դրամ՝ նույնպես։ | ||
+ | |||
+ | Իրվինգ Շաստերը ակնոցի հաստ ապակիների միջով ծուռ֊ծուռ նայում էր Բարրետին։ Նա արդեն նկատել էր, որ նման հայացքը շփոթեցնում է վկաներին։ Ակնոց կրելը քսանմեկերորդ դարում օտարոտի էր, բայց բժիշկներն ու իրավաբանները, մանավանդ հասակավորները, դեռևս օգտվում էին նրանից։ Ավելին, ակնոցը պրոֆեսիայի մի տեսակ խորհրդանիշ էր դարձել։ | ||
+ | |||
+ | ― Դուք «ուզում եք տեսնել», ― կրկնեց Շաստերը Բարրետի խոսքերը։ ― Դա բացատրություն չէ։ Ինչո՞ւ էիք ուզում։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, ձեր հարցը խիստ անորոշ է ձևակերպված։ Ինչո՞ւ է սովորաբար մարդ վարվում այսպես, և ոչ թե այլ կերպ։ | ||
+ | |||
+ | Կոմոդոր Հանստենը գոհունակությամբ ժպտաց։ Դա հենց այն է, ինչ նա ուզում էր․ թող որ ուղևորները վիճեն ու քննարկեն մի այնպիսի հարց, որը հետաքրքրի բոլորին ու միևնույն ժամանակ ո՛չ վիրավորանք պատճառի, ո՛չ էլ կրքեր բորբոքի։ (Իսկ, եթե հանկարծ նման վտանգ ծագի, իրենից է կախված դատարանում կարգ ու կանոն հաստատելը)։ | ||
+ | |||
+ | ― Ես ընդունում եմ, ― շարունակեց փաստաբանը, ― որ իմ հարցը ճշտման կարիք ունի։ Կփորձեմ այն ձևակերպել այլ կերպ։ | ||
+ | |||
+ | Նա մի փոքր մտածեց, տնտղելով իր թղթերը՝ ընդամենը ուղեցույցի մի քանի էջ։ Լուսանցքներում ձևականության համար Շաստերը մի քանի դիտողություններ գրեց։ Նա չէր սիրում դատարանում մերկապարանոց ելույթ ունենալ։ Քանի֊քանի անգամ իր գործառության ժամանակ, թղթերի հետ մի քանի վայրկյանի կարծեցյալ խորհրդակցությունը, անգնահատելի օգուտ է տվել իրեն։ | ||
+ | |||
+ | ― Ճի՞շտ կլինի արդյոք ասել, որ Լուսինը ձեզ գրավել է իր բնապատկերի գեղեցկությամբ։ | ||
+ | |||
+ | ― Այո, մասամբ նաև այդ։ Ես թերթում էի ուղեցույցները, դիտում կինոնկարներն ու ինքս ինձ հարցնում, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ | ||
+ | |||
+ | ― Եվ ինչպիսի՞ եզրակացության եք եկել այժմ։ | ||
+ | |||
+ | ― Ես կասեի, ― չոր պատասխանեց վկան, ― որ իրականությունը գերազանցեց բոլոր սպասելիքներս։ | ||
+ | |||
+ | Նրա խոսքերը ծիծաղ առաջ բերին։ Կոմոդորը թխկթխկացնում էր իր բազմոցի թիկնակին։ | ||
+ | |||
+ | ― Կարգի՛ եմ հրավիրում, ― բացականչեց նա։ ― Այլապես ստիպված կլինեմ խանգարողներին հեռացնել դատարանի դահլիճից։ | ||
+ | |||
+ | Ինչպես և ինքն էր սպասում, այդ դիտողությունը առաջ բերեց ծիծաղի մի նոր, էլ ավելի ուժեղ պոռթկում։ Հանստերը ուղևորներին հնարավորություն տվեց լիուլի ծիծաղելու։ Վերջապես բոլորը լռեցին, ու Շաստերը շարունակեց հարցաքննությունը։ Նա ամբողջովին մտել էր իր դերի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Դա շատ հետաքրքիր է, միստեր Բարրետ։ Դուք թռել եկել եք Լուսին, այդքան փող եք ծախսել, որպեսզի հիանաք տեսարաններով։ Ասացեք խնդրեմ, դուք առիթ ունեցե՞լ եք տեսնելու Գրանդ֊Կանյոնը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, իսկ դո՞ւք։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ մեծապատվություն, ― օգնության կանչեց Շաստերը նախագահողին։ ― Վկան անվայել է պահում իրեն։ | ||
+ | |||
+ | Կոմոդորը խիստ հայացքով նայեց Բարրետին, բայց նա ամենևին չշփոթվեց։ | ||
+ | |||
+ | ― Միստր Բարրետ, հարցաքննողը դուք չեք։ Ձեր գործը պատասխանելն է, և ոչ թե հարց տալը։ | ||
+ | |||
+ | ― Միլորդ, ես ներողություն եմ խնդրում դատարանից, ― պատասխանեց վկան։ | ||
+ | |||
+ | ― Հը՜մ․․․ Մի՞թե «միլորդ» եմ ես, ― անվստահորեն Հանստենը դիմեց Շաստերին։ ― Ինձ թվում էր, որ ես «Ձերդ մեծապատվություն» եմ։ | ||
+ | |||
+ | Իրավագետը լրջախոհ դարձավ։ | ||
+ | |||
+ | ― Ես առաջարկում եմ, ձերդ մեծապատվություն, որպեսզի յուրաքանչյուր վկա պահպանի այն վարվելաձևերը, որոնց նա սովոր է իր երկրում։ Դա միանգամայն թույլատրելի է, քանի դեռ պատշաճ հարգանք է ցուցաբերում դատարանի հանդեպ։ | ||
+ | |||
+ | ― Լավ։ Շարունակեցե՛ք։ | ||
+ | |||
+ | Շաստերը նորից շրջվեց դեպի վկան։ | ||
+ | |||
+ | ― Կցանկանայի իմանալ, միստր Բարրետ, թե ինչո՞ւ դուք հարմար նկատեցիք մեկնել Լուսին, թեև ինչպես հարկն է դեռ չեք ծանոթացել Երկրին։ Դուք որևէ ծանրակշիռ պատճառաբանություն ունե՞ք արդյոք անտրամաբանական վարմունքի համար։ | ||
+ | |||
+ | Հարցը շատ լավ էր տրված, ճիշտ այնպես, որ կարող էր հետաքրքրել բոլորին, և Բարրետը ջանաց համոզիչ պատասխան տալ։ | ||
+ | |||
+ | ― Ես բավականին լավ գիտեմ Երկիրը, ― դանդաղ սկսեց նա խիստ ընդգծված անգլերեն արտասանությամբ՝ նույնքան հազվադեպ, որքան և ակնոցը։ ― Ապրել եմ «Էվերեստ» հյուրանոցում, եղել եմ երկու բևեռներում, նույնիսկ իջել եմ Կալիպսո իջվածքի հատակը։ Մի խոսքով, քիչ բան չեմ տեսել և հարազատ մոլորակը այլևս ոչնչով չէր կարող զարմացնել ինձ։ Իսկ ինչ֊որ մեկ օրվա հեռավորության վրա՝ Լուսինն է, մի ամենևին նոր, այլ աշխարհ։ Նորությունն էլ հենց հրապուրեց ինձ։ | ||
+ | |||
+ | Հանստենը միայն ականջի ծայրով էր լսում հանգամանալից, անշտապ վերլուծությունը։ Քանի Բարրետը խոսում էր, նա անարգել կարող էր ուսումնասիրել մյուսներին։ Կոմոդորը արդեն հասցրել էր պատկերացում կազմել անձնակազմի և ուղևորների մասին, որոշել էր, ում վրա կարելի է հույս դնել, ումից սպասել նենգություն, եթե վիճակը վատանար։ | ||
+ | |||
+ | Ամենահուսալին, իհարկե, նավապետ Հարրիսն է։ Կոմոդորը քաջ ծանոթ էր այդ կարգի մարդկանց, հաճախ էր հանդիպել նրանց տիեզերքում, օրինակ Աստրոտեխում։ (Երբ Հանստենը դասախոսություններով հանդես էր գալիս այնտեղ, նրա առջև միշտ նստած էին զուսպ, խնամքով սափրված Պաթ Հարրիսոններ)։ Պաթը, որ դեպի տեխնիկան ունեցած հակումներով, բայց փառամոլությունից զուրկ մի երիտասարդ է, հենց իր ուժերին համապատասխան աշխատանք եր գտել այնպիսի մի տեղում, ուր նրանից պահանջվում էր սոսկ զգուշություն ու բարեկրթություն։ (Հանստերը չէր կասկածում, որ սիրունատես ուղևորուհիները նրա մոտ առանձնապես գնահատում էին երկրորդ արժանիքը)։ Նա բարեխիղճ է, կարգապահ, մի փոքր չոր, ազնվաբար կկատարի իր պարտականությունը և, ի տարբերություն շատ ավելի շնորհալի մարդկանց, կմեռնի քաջաբար, առանց գանգատվելու։ Դա հատկապես կարևոր կլինի այստեղ՝ փոշեգնացում, եթե նրանց չփրկեն հինգ օր հետո։ | ||
+ | |||
+ | Ստյուարդուհի միսս Ուիլքինզի պատասխանատվությունը փոքր չէր։ Դա տիեզերական ստուարդուհու շաբլոն տիպ չէ՝ անալի հմայք ու անկենդան ժպիտ։ Հանստենը արդեն կարողացել է որոշել, որ միսս Ուիլքինզը հաստատակամ ու բարեկիրթ աղջիկ է։ Սակայն նույն բանը կարելի էր ասել նաև նրա պրոֆեսիայի շատ աղջիկների մասին։ | ||
+ | |||
+ | Մի խոսքով, անձնակազմի կողմից նրա բախտը բանել էր, իսկ ուղևորնե՞րը։ Անշուշտ, նրանք աչքի ընկնող մարդիկ են, այլապես Լուսնի վրա չէին լինի։ «Սելենի» մեջ հավաքված էին բավականին խելք ու տաղանդ, բայց հենց կացության անհեթեթությունն այն էր, որ ո՛չ խելքը և ո՛չ էլ շնորհքը նրանց չեն փրկի։ Այստեղ կարևորը բնավորությունը, հոգեկան կորովն է, պարզապես ասած՝ արիությունը։ | ||
+ | |||
+ | Քսանմեկերորդ դարում շատ քչերին էր հարկավոր ֆիզիկական քաջությունը։ Մարդիկ ծննդյան օրից մինչև մահ ոչ մի անգամ վտանգին դեմ֊հանդիման չեն նայում։ «Սելենի» ուղևորները պատրաստ չէին նման փորձությունների, իսկ խաղերով ու զվարճություններով հեռու չես գնա։ | ||
+ | |||
+ | Տասներկու ժամ չանցած, մտքում ասաց կոմոդորը, առաջ կգա առաջին ճեղքվածքը, երբ հայտնի կդառնա, որ ինչ֊որ խոչընդոտ խանգարում է փրկարարներին, և որ այդ հապաղումը կարող է ճակատագրական լինել։ | ||
+ | |||
+ | Հանստենը մեկ անգամ ևս շուրջը նայեց։ Եթե հաշվի չառնենք նրանց ոչ այնքան էլ վայելուչ տեսքը, առայժմ նրանք բոլորը մնում են հասարակության բանական ու զուսպ անդամներ։ | ||
+ | |||
+ | Նրանցից ո՞վ առաջինը տեղի կտա․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասներորդ== | ||
+ | |||
+ | Դոկտոր Թոմ Լոուսոնի նկատմամբ, հետևեցրեց գլխավոր ինժեներ Լոուրենսը, չի կարելի կիրառել «Գիտենալ՝ նշանակում է ներել» վաղեմի սկզբունքը։ Նա գիտեր, որ Լոուսոնին որբանոցային մանկություն էր վիճակվել, ծնողական սիրուց ու գուրգուրանքից զուրկ, որ աստղագետը մարդ է դարձել սեփական խելքի շնորհիվ, ի վնաս մարդկային բոլոր մնացած հատկությունների։ Նա կարող էր հասկանալ Լոուսոնին, բայց այնուամենայնիվ նա իրեն դուր չէր գալիս։ «Զարմանալի անբարեբախտություն, ― ինքն իրեն ասում էր Լոուրենսը, ― երեք հարյուր հազար կիլոմետր բոլորտիքը գտնվող գիտնականներից միայն այդ տիպն ունի ինֆրակարմիր տեղարկու, ու միայն նա գիտի դրա հետ վարվել․․․»։ | ||
+ | |||
+ | Այդ նույն պահին Թոմ Լոուսոնը, «Փոշեսահնակ֊2֊ի» դիտորդի բազկաթոռին նստած, ավարտում էր արտաքուստ անպաճույճ, բայց միանգամայն աշխատելու ունակ կոնստրուկցիայի հարմարեցումը։ Տեղարկուն դրած էր եռոտանու վրա, որը ամրացված էր փոշեսահնակի տանիքին և կարող էր պտտվել ուզածդ ուղղությամբ։ | ||
+ | |||
+ | Կարծես բանում է․․․ Սակայն դժվար է երաշխավորել․ այս նեղ հերմետիկ տիեզերանավաշենքում բազմաթիվ են ջերմության ամեն տեսակի աղբյուրները։ Միայն ծովի վրա կարելի է կլինի իսկականից ստուգել։ | ||
+ | |||
+ | ― Պատրաստ է, ― վերջապես զեկուցեց Լոուսոնը գլխավոր ինժեներին։ ― Թույլ տվեք մի քանի թելադրություններ անել այն մարդուն, որը պետք է աշխատի տեղարկուով։ | ||
+ | |||
+ | Ինչպե՞ս վարվել․․․ Գլխավորը ուշադիր նայեց աստղագետին։ Այնուամենայնիվ, ուժեղ փաստարկները խոսում են և՛ թեր, և՛ դեմ, չի կարելի ղեկավարվել միայն անձնական զգացումներով։ Շատ լուրջ գործ է։ | ||
+ | |||
+ | Դուք կարո՞ղ եք աշխատել տիեզերական սկաֆանդրով, ― հարցրեց նա Լոուսոնին։ | ||
+ | |||
+ | ― Երբեք կյանքումս չեմ հագել։ Նա պետք է միայն դրսի աշխատանքների համար, իսկ դա ինժեներների գործն է։ | ||
+ | |||
+ | ― Այ, հենց սովորելու առիթ է ստեղծվում ձեզ համար, ― պատասխանեց գլխավոր ինժեները՝ ուշադրություն չդարձնելով կծու խոսքերին։ (Եթե ընդհանրապես դա կծու խոսք է։ Ըստ երևույթին, աստղագետի անքաղաքավարիությունը ավելի շատ բացատրվում է բարեկրթության կանոնների անգիտությամբ, քան դրանց գիտակցական արհամարումով)։ Փոշեգնացի վրա դա այնքան էլ դժվար չէ։ Ձեզ համար հանգիստ կնստեք դիտորդի բազկաթոռին։ Ավտոմատ կարգավորիչը ինքն է հետևում թթվածնին, ջերմաստիճանին և այլնին։ Մի բան է միայն ինձ մտահոգում․․․ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ։ | ||
+ | |||
+ | ― Դուք չե՞ք տառապում կլոստրոֆոբիայաով։ | ||
+ | |||
+ | Թոմը կարկամեց։ Իհարկե, տիեզերք մեկնելուց առաջ նրան ինչպես հարկն է ստուգեցին, սակայն կասկածում էր, և ոչ իզուր, որ հոգեբանական որոշ փորձեր նա հազիվ֊հազ անցավ։ Ինչ խոսք, նա խիստ արտահայտված կլոստրոֆոբ չէ, այլապես նրան ուղղակի տիեզերանավ չէին թողնի։ Բայց տիեզերանավը մի բան է, սկաֆանդրը՝ այլ բան։ | ||
+ | |||
+ | ― Կդիմանամ, ― ասաց նա վերջապես։ | ||
+ | |||
+ | ― Միայն չբռնանաք ձեզ վրա, ― խստությամբ ասաց Լոուրենսը։ ― Ցանկալի է, որեպսզի դուք գաք մեզ հետ, բայց կեղծ հերոսություն ձեզանից քամել չեմ ուզում։ Մի բան եմ միայն խնդրում ձեզանից, որոշեցեք, մինչև տիեզերանավակայանից մեր դուրս գալը։ Հետո, ափից քսան կիլոմետր հեռավորության վրա, այլևս ուշ կլինի փոշմանել։ | ||
+ | |||
+ | Թոմը նայեց փոշեսահնակին ու մտածմունքի մեջ ընկավ։ Նման դյուրաբեկ շինվածքով դժոխային փոշե ծովի վրայով սլանալու միտքն անգամ նրան խելահեղություն էր թվում։ Բայց այդ մարդիկ ամեն օր լինում են այնտեղ։ Եվ եթե սարքավորումը հանկարծ ըմբոստանա, ինքը գոնե կփորձի շտկել այն։ | ||
+ | |||
+ | ― Ահա ձեր վրայով սկաֆանդր, ― շարունակեց Լոուրենսը։ ― Փորձեք, թերևս օգնի ձեզ որոշել։ | ||
+ | |||
+ | Թոմը վրա քաշեց առաձգական զգեստը, որը հենց ձգտում էր կուչ գալ, կոճկեց առջևի մետաղյա ճարմանդը ու ձգվեց։ Նա դեռ չէր հագել սաղավարտը, բայց արդեն հարմար չէր զգում իրեն։ Զգեստին ամրացված թթվածնի բալոնը շատ փոքրիկ էր թվում նրան։ Լոուրենսը որսաց աստղագետի մտահոգ հայացքը։ | ||
+ | |||
+ | ― Մի հուզվեք, դա ընդամենը չորսժամյա վթարային պաշարն է։ Ձեզ պետք չի գա։ Հիմնական բալոնները փոշեսահնակի վրա են։ Իսկ այժմ զգույշ․․․ Սաղավարտը չճխլի քիթդ։ | ||
+ | |||
+ | Շուրջը կանգնածների դեմքերից Թոմը հասկացավ, որ մոտենում է վճռական պահը։ Քանի դեռ սաղավարտը չես հագել, դեռ մարդկության մի մասնիկն ես․ հետո մենակ ես մնում փոքրիկ մեխանիկական աշխարհում։ Ու թեև մյուս մարդկանցից քեզ բաժանում է ընդամենը մի քանի սանտիմետր, նրանց նայում ես հաստ պլաստիկի միջով, խոսում ռադիոյով, նրանց հետ չես կարող շփվել այլ կերպ, քան արհեստական «կաշվի» կրկնակի շերտի միջոցով։ Ինչ֊որ մեկը մի ժամանակ գրել է, թե տիեզերական սկաֆանդրում մահը՝ մենակության մեջ մահ է։ Առաջին անգամը լինելով, Թոմի մտքով անցավ, որ այդ բառերի հեղինակը, թերևս ճիշտ էր․․․ | ||
+ | |||
+ | Հանկարծ սաղավարտի մեջի փոքրիկ դինամիկներից լսվեց գլխավոր ինժեների բամբ ձայնը։ | ||
+ | |||
+ | ― Շատ հասարակ է ամեն ինչ, խոսակցության հարմարանքի կոճակները՝ աջ կողմում են։ Սովորաբար դուք կապի մեջ եք վարորդի հետ։ Քանի դեռ երկուսդ էլ փոշեսահնակի վրա եք, շղթան միշտ միացված է, ինչքան ուզում եք կարող եք խոսել։ Իսկ երբ շղթան ընդհատվի՝ անցնում եք ռադիոկապին, ինչպես հիմա լսում եք ինձ։ Խնդրեմ, սեղմեք «Հաղորդում» կոճակը և պատասխանեք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ սա ի՞նչ կարմիր կոճակ է՝ «վթարայի՞ն», հարցրեց Թոմը, կատարելով գլխավոր ինժեների հրամանը։ | ||
+ | |||
+ | ― Հուսով եմ․․․ հարկ չի լինի ձեզ օգտվել դրանից։ Այդ կոճակը միացնում է հաղորդիչ փարոսը, որը ազդանշաններ կուղարկի եթեր այնքան ժամանակ, մինչև ձեզ կգտնեն։ Առանց մեր ցուցումի ոչնչի ձեռք մի տվեք, հատկապես կարմիր կոճակին։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ― պատասխանեց Թոմը։ ― Գնացինք։ | ||
+ | |||
+ | Նկատելի անվարժությամբ, քանի որ դեռ չէր սովորել ո՛չ նոր զգեստին, ո՛չ էլ լուսնային ձգողականությանը, նա քայլեց դեպի «Փոշեսահնակ֊2֊ր» ու նստեց դիտորդի աթոռին։ Բարակ փողրակը՝ մի յուրատեսակ պորտալար, որ հագնում էր աջ ազդրի վրա գտնվող բույնին, զգեստը միացնում էր թթվածնի բալոններին, ինտերկոմի՝ փոխհաղորդիչի ու էլեկտրացանցի հետ։ Ծայրահեղ դեպքում այդ հարմարությունը նրան հնարավորություն կտա ձգելու, թեկուզ առաց կոմֆորտի, երեք չորս օր․․․ | ||
+ | |||
+ | Փոքրիկ տիեզերակայանը նախատեսված էր ճիշտ երկու փոշեսահնակի համար, և մի քանի րոպեում պոմպերը այնտեղից դուրս մղեցին ամբողջ օդը։ Սկաֆանդրը անմիջապես նկատելիորեն կայունացավ, ու երկյուղը միանգամից պատեց Թոմին։ Գլխավոր ինժեներն ու երկու վարորդները նայում էին նրան։ Նրանք չեն տեսնի նրա վախը, այդպիսի հաճույք նա չի պատճառի նրանց։ Բայց թե՝ ով չի վարանի, երբ կյանքում առաջին անգամ է հանդիպում վակուումին։ | ||
+ | |||
+ | Դուռը լայն բացվեց, ու ասես անտեսանելի մատները Լոուսոնին առաջ հրեցին․ հանգարից դուրս պրծավ օդի վերջին մնացորդը։ Ու նրանց առջևում տարածվեց Ծարավի ծովի գորշ ու ամայի հարթությունը, որ հասնում էր մինչև հորիզոն։ | ||
+ | |||
+ | Անհավատալի է։ Մի՞թե իր աչքերով այժմ տեսնում է այն, ինչին մինչ այդ նայում էր տիեզերքից։ (Տեսնես, ո՞վ է հիմա նայում հարյուրսանտիմետրանոց հեռադիտակով։ Այս պահին իր պաշտոնակիցներից ո՞վ է հերթապահում այնտեղ, Լուսնից շատ ու շատ հեռվում)։ Սա արդեն էկրանի վրա հրեղեն էլեկտրոնների նկարած պատկերը չէ, այլ այն անհյուրընկալ ու անկերպարան նյութը, որ անհետ կուլ է տվել քսաներկու հոգի։ Եվ այդ հարթության վրայով ինքը՝ Թոմ Լոուսոնը պետք է գնար այդպիսի մի անհաստատ շինվածքով․․․ | ||
+ | |||
+ | Սակայն խորհելու ժամանակ չկար։ Ոտքերի տակ զգում էր թեթև դողդողոց՝ պտուտակներն են պտտվում։ «Փոշեսահնակ֊1֊ի» հետևից նրանք սկսեցին սահել Լուսնի մակերեսով։ | ||
+ | |||
+ | Պորտ֊Ռորիսի շենքի գցած ստվերից դուրս գալուն պես, նրանց դիմավորեցին ծագող արևի ճառագայթները։ Նույնիսկ պաշտպանական ավտոմատ ճառագայթակալներով վտանգավոր էր նայել արևելյան մասում մոլեգնող սպիտակա֊երկնագույն բոցը։ «Կա՛ց, ― ուղղեց իրեն Թոմը, ― չէ որ ես Երկրի վրա չեմ, այլ Լուսնի, այստեղ արևը ծագում է արևմուտքում։ Ուրեմն, մենք գնում ենք դեպի հյուսիս֊արևելք Ցողի ծովախորշը, «Սելենի» գնացած ճանապարհով․․․»։ | ||
+ | |||
+ | Պորտ֊Ռորիսի ցածր գմբեթները հորիզոնի ետևն էին անցնում, և արագության զգացումը ասես թևավորում էր Թոմին։ Բայց երկար չտևեց․ երբ կողմնորոշ բոլոր առարկաները տեսողությունից կորան, այնպիսի պատրանք ստեղծվեց, ասես նրանք անշարժ մնացել էին անեզր հարթության կենտրոնում։ Չնայած պտուտակների հռնդյունին ու անաղմուկ դեպի ետ թռչող նավահետքին, փոշեսահնակը կարծես կանգնած լիներ։ Թոմը գիտեր․ մի երկու ժամվա ընթացքում նրանք կկտրեն֊կանցնեն ամբողջ Ծովը, ու այնուամենայնիվ ջանում էր ձերբազատվել այն ծանր զգացումից, թե իբր լուսատարիներ են բաժանում իրենց մնացած մարդկությունից։ Ու հոգու խորքում, թեպետ մի փոքր ուշ, նա հարգանքով լցվեց դեպի այն մարդիկ, որոնց հետ այժմ աշխատակցում էր։ | ||
+ | |||
+ | Դե, սարքը ստուգելու իսկական ժամանակն է․․․ Տեղարկուն միացնելով, Թոմը ուղղեց դեպի այն կողմը, որտեղի դուրս էին եկել։ Եվ գոհունակությամբ նկատեց պայծառ լուսավորված զոլը Ծովի մութ հարթության վրա։ Իհարկե, դա դատարկ բան էր տեղարկուի համար․ առավոտյան շատ ավելի ուժեղ տապի ֆոնի վրա «Սելենի» սառչող ջերմային հետքը հայտնաբերելը միլիոն անգամ ավելի բարդ էր։ Եվ, այսուհանդերձ, թեթևացած շունչ քաշեց․ եթե սարքը ընդհանրապես չաշխատեր այստեղ, կարելի էր միանգմից խաչ քաշել այս ամենի վրա։ | ||
+ | |||
+ | ― Է՜, ինչպե՞ս է, ― հարցրեց գլխավոր ինժեները։ Ըստ երևույթին նա իր փոշեսահնակից հետևում էր Թոմի շարժուձևին։ | ||
+ | |||
+ | ― Սարքն աշխատում է, ― զգուշությամբ պատասխանեց Թոմը։ ― Կարծես, ամեն ինչ կարգին է։ | ||
+ | |||
+ | Նա տեղարկուն ուղղեց դեպի Երկրի նեղ մանգաղը։ Ավելի դժվար թիրախ է, ասենք, ոչ այնքան դժվար․ մեծ զգայունություն չի պահանջում տիեզերական գիշերվա սառը շնչով պարուրված հարազատ մոլորակի քնքուշ ջերմությունը որսալու համար։ | ||
+ | |||
+ | Ահա և Երկրի ինֆրակարմիր պատկերը․․․ Տարօրինակ, առաջին հայացքից նույնիսկ տարակուսանքի մեջ գցող տեսարան է։ Երկրաչափական կատարյալ ձև ունեցող պարզորոշ մանգաղի փոխարեն նա տեսնում էր տափակած մի սունկ, որի ոտքը ձգվում էր հասարակածի երկայնքով։ | ||
+ | |||
+ | Մի քանի վայրկյան պահանջվեց պատկերը իմաստավորելու համար։ Երկու բևեռներն էլ կտրված են, դե դա հասկանալի է, նրանք շատ սառն են, նման զգայունության դեպքում նրանց չես հայտնաբերի։ Բայց սա ի՞նչ շողարձակում է մոլորակի գիշերային, չլուսավորված մասում։ Դե, իհարկե, նա տեսնում է արևադարձային օվկիանոսների ճառագայթումը, նրանք խավարին են հանձնում ցերեկը կուտակված ջերմությունը։ Ինֆրակարմիր լուսապատկերի վրա արևադարձային գիշերը շատ ավելի լուսավոր էր, քան բևեռային ցերեկը։ | ||
+ | |||
+ | Մի ավելորդ հիշեցում այն ճշմարտության, որ երբեք չպետք է մոռանա գիտնականը․ մարդու զգայարանները ընկալում են լոկ տիեզերքի մասնակի և աղճատված պատկերը։ Թոմ Լոուսենը երբեք չէր լսել Պլատոնի այն միտքը, որ մարդիկ նման են քարայրի բանտարկյալին, որը ձգտում է պատի վրա արտացոլվող ստվերով պատկերացում կազմել արտաքին աշխարհի մասին։ Մինչդեռ նրա փորձը, հավանաբար, Պլատոնի սրտովը կլիներ։ Ո՞րն է «իսկական» Երկիրը։ Աչքով տեսանելի անբասիր մանգաղ՞ը, ինֆրակարմիր փրչոտ սո՞ւնկը, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ | ||
+ | |||
+ | |||
+ | Աշխատասենյակը նեղլիկ էր նույնիսկ Պորտ֊Ռորիսի համար, որը ծառայում էր որպես տարանցիկ կայան Ըրթսայդի ու Ֆարսայդի միջև, ինչպես նաև Ծարավի ծով այցելող զբոսաշրջիկների հավաքատեղի։ («Ճիշտ է, այդ երթուղին կարծես կորցրել էր երբեմնի հմայքը․․․)։ Մի երեսուն տարի առաջ Պորտ֊Ռորիսը բոլորի շուրթերին էր․ այն ժամանակ այստեղ գործի վրա էր «լուսնային» ոչ մեծաթիվ հանցագործներից մեկը՝ Ջերրի Բադկերը, որը քիչ հարստություն չդիզեց «Լուննիկ 2֊ի» կեղծած բեկորների վաճառքից։ Իհարկե, իր հռչակով նա չէր կարող համեմատվել Ռոբին Հուդի կամ Բիլլի Քիդի հետ, բայց Լուսնի վրա Բադկերը նույնպես հեղինակություն էր։ | ||
+ | |||
+ | Մորիս Սպենսերը նույնիսկ ուրախ էր, որ Պորտ֊Ռորիսը մի այդպիսի խաղաղ անկյուն է։ Ու չէ որ միայն կարճ ժամանակով՝ մանավանդ, եթե Կլավիի նրա պաշտոնակիցները տեղեկանան, որ «Ինթերպփլանիթ նյուսի» բաժնի պետը ինչ֊ինչ պատճառներով խրվել, մնացել է Ռորիսում և չի շտապում հարավ, որտեղ հրապուրիչ կերպով փայլում են մեծ քաղաքի (52.647 բնակչությամբ) լույսերը։ Երկիր ուղարկված ծածկագիր ռադիոհեռագիրը, ըստ երևույթին, ադեն հանգստացրել է ղեկավարությանը․ նրանք սովորել են ապավինել նրա ինտուիցիային ու գլխի ընկել, թե բանն ինչումն է։ Վաղ թե ուշ այդ բանը կհասկանան նաև մրցակիցները, բայց մինչ այդ Մորիս Սպեսները հույս ուներ առաջ ընկնել նրանցից։ | ||
+ | |||
+ | Հիմա նա մշակում էր «Աուրիգայի» դեռևս դժգոհ նավապետին։ | ||
+ | |||
+ | Նավապետ Անսոնը հենց նոր ավարտեց իր երկար (մի ժամ տևած) ու շատ անախորժ հեռախոսային խոսակցությունը Կլավիի հետ։ «Մըքայվեր, Մըքդոնալդ, Մըքքարտի և Մըքքելոհ» ընկերությունը Անսոնին էր մեղավոր ճանաչում այն բանում, որ «Աուրիգան» նստել է Պորտ֊Ռորիսում։ Ի վերջո, նա լսափողը կախեց ասելով, որպեսզի նրանք այդ հարցը պարզեն վարչությունում։ Իսկ Էդինբուրգում օրը կիրակի է, վաղ առավոտ, ուզեն֊չուզեն ստիպված կլինեն հանգիստ թողնելու նրան։ | ||
+ | |||
+ | Երկրորդ գավաթից հետո Անսոնը մի քիչ կակղեց։ Արժե լեզու գտնել մի մարդու հետ, որը ընդունակ է «Ջոննի Ուոքըր» վիսկի ճարել Պորտ֊Ռորիսում, ու նավապետը հարցրեց Սպենսերին, թե ինչպես է նա հաջողացրել։ | ||
+ | |||
+ | ― Մամուլը՝ հզոր ուժ է, ― ժպտաց նա։ ― Ռեպորտյորը թաքցնում է իր աղբյուրները, այլապես նա երկար չի դիմանա։ | ||
+ | |||
+ | Մորիս Սպենսերը պայուսակից հանեց մի խուրձ քարտեզներ ու լուսանկարներ։ | ||
+ | |||
+ | ― Այ սա, շատ ավելի դժվար էր ձեռք գցել այդպիսի կարճ ժամանակամիջոցում, ― շարունակեց նա։ ― Եվ ես ձեզ շատ եմ խնդրում, նավապետ, այս ամենը թող մեր մեջ մնա։ Միանգամայն գաղտնի գործ է, համենայն դեպս, առայժմ։ | ||
+ | |||
+ | ― Հասկանալի է, խոսքը «Սելենի» մասին է։ | ||
+ | |||
+ | ― Ըհը, դուք նույնպե՞ս գլխի եք ընկել։ Այո, «Սելենը»․․․ Գուցեև ոչինչ չստացվի, բայց ես ուզում եմ կազմ ու պատրաստ լինել։ | ||
+ | |||
+ | Նա սեղանին դրեց մի մեծ լուսանկար՝ Ծարավի ծովի տեսքը, փոքր բարձրության վրա՝ հետախուզական արբանյակից նկարահանված ու Լուսնի տոպոգրաֆիական վարչության կողմից բազմացված։ Թեպետ լուսանկարն արված էր երեկոյան, երբ ստվերները հակառակ կողմն էին ընկնում, նա գրեթե ճշտությամբ կրկնում էր այն պատկերը, որ Սպենսերը տեսել էր էկրանի վրա վայրէջք կատարելիս։ Լրագրողը այնքան ուշադիր էր զննել այդ լուսանկարը, որ անգիր էր արել։ | ||
+ | |||
+ | ― Անմատչելիության լեռները, ― ասաց նա, ― համարյա ուղղաձիգ բարձրանում են Ծարավի ծովից՝ մոտ երկու հազար մետր դեպի վեր։ Այ, այս մութ ձվածիրը՝ Խառնարանային լիճն է․․․ | ||
+ | |||
+ | ― ․․․ որտեղ կորել է «Սելե՞նը»։ | ||
+ | |||
+ | ― Հնարավոր է։ Այժմ կասկածում են դրանում։ «Լագրանժից» եկած մեր այդ մարդամո՜տ երիտասարդ ընկերը ունի ապացույցներ, որ իբր նավը խորտակվել է Ծարավի ծովում՝ մոտավորապես այստեղ։ Բայց մարդիկ կարող էին կենդանի մնալ։ Իսկ դա նշանակում է, նավապետ, որ այստեղից հարյուր կիլոմետրի վրա ամբողջ թափով փրկարար աշխատանքներ կծավալվեն։ Պորտ֊Ռորիսը ողջ արեգակնային համակարգության ուշադրության կենտրոնում կլինի։ | ||
+ | |||
+ | Նավապետը սուլեց։ | ||
+ | |||
+ | ― Ասել է՝ ձեր բախտը բերե՜ց։ Իսկ իմ ի՞նչ գործն է։ | ||
+ | |||
+ | Սպենսերը նորից մատը տարավ դեպի քարտեզը։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ, նավապետ։ Ես ուզում եմ վարձել ձեր նավը։ Ու ցանկանում եմ, որպեսզի դուք ինձ, օպերատորին ու երկու հարյուր կիլոգրամանոց հեռուստասարքը փոխադրեք Անմատչելիության լեռների արևմտյան լանջը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ― Ես այլևս հարցեր չունեմ, ձերդ մեծապատվություն, ― ասաց փաստաբան Շաստերն ու նստեց։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ― պատասխանեց կոմոդոր Հանստենը։ ― Ես վկային պետք է խնդրեմ չհեռանալ սույն դատարանի իրավասության սահմաններից։ | ||
+ | |||
+ | Ընդհանուր քահ֊քահի տակ Դեվիդ Բարրետը վերադարձավ իր տեղը։ Նա լավ խաղաց իր դերը։ Անգլիացու պատասխաններից շատերում լուրջ իմաստը համեմվում էր հումորով, ու նրան լսեցին հետաքրքրությամբ։ Եթե մյուս վկաները պատասխանեն նույնքան հաճույքով, զվարճությունը կշարունակվի՝ քանի դեռ ընդհանրապես զվարճանալու տրամադրություն ունեն․․․ Նույնիսկ, եթե վերցնենք ծայրահեղ, հազիվ թե հավանական թիվը․ չորս խոստովանություն օրական, ամենայն մանրամասնություններով, որ ի վիճակի է պահելու մարդկային հիշողությունը, ― երբ թթվածնի ամբարը շունչը փչի, դեռևս մեկն ու մեկը խոսելիս կլինի։ | ||
+ | |||
+ | Հանստենը ժամացույցին նայեց։ Մինչև աղքատիկ ճաշը մի ամբողջ ժամ կար։ Կարելի է «Շեյնին» անդրադառնալ կամ (թեև միսս Մոռլին դեմ է) դիմել այն հիմար պատմավեպին։ Ոչ, ավելի լավ է շարունակել ներկայացումը, քանի դեռ բոլորի տրամադրությունը բարձր է։ | ||
+ | |||
+ | ― Եթե առարկություն չկա, ― ասաց կոմոդորը, ― ես կկանչեմ հաջորդ վկային։ | ||
+ | |||
+ | ― Ես կողմնակից եմ, ― շտապով արձագանքեց Բարրետը, լավ իմանալով, որ իրեն այլևս չեն կանչի։ | ||
+ | |||
+ | Նույնիսկ թղթամոլները դեմ չէին, և դատարանի քարտուղարը սրճամանից հանեց հերթական վիճակը։ Նրա դեմքը փոխվեց ու ինչ֊ինչ պատճառով նա կակազեց։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ պատահեց, ― հարցրեց դատարանի նախագահը։ ― Դուք ձեր ազգանո՞ւնն եք քաշել։ | ||
+ | |||
+ | ― Ըմ․․․ ոչ, ― պատասխանեց քարտուղարը, չարաճճի ժպիտով նայելով փաստաբանին։ Ապա կոկորդը մաքրեց ու ազդարարեց․ ― Միսսիս Շաստե՜ր։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ մեծապատվություն, ես առարկում եմ։ ― Միսսիս Շաստերը դժվարությամբ պոկեց իր ծանր մարմինը նստարանից, թեև նա բավականին քաշ էր կորցրել Պորտ֊Ռորիսից դուրս գալուց ի վեր։ Ժեստով նա ակնարկեց իր ամուսնուն, որը շփոթված քիթը կոխել էր գրառումների մեջ։ ― Արդյոք արդարացի՞ կլինի, որ նա հարցաքննի ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ես պատրաստ եմ զիջելու տեղս, ― ասաց Իրվինգ Շաստերը, չսպասելով, որեպսզի նախագահողը արտասանի «բողոքն ընդունված է» բանաձևը։ | ||
+ | |||
+ | ― Ես համաձայն եմ հարցաքննել, ― անդրադարձավ կոմոդորը, թեև դեմքի արտահայտությունը այլ բան էր ասում։ ― Կամ գուցե մեկ ուրի՞շն է ուզում իր վրա վերցնել այդ պարտականությունը։ | ||
+ | |||
+ | Բոլորը լուռ էին։ Հանկարծ, ի զարմանս և հուրախություն Հանստենի, տեղից վեր կացավ պոկերի սիրահարներից մեկը։ | ||
+ | |||
+ | ― Ես, ճիշտ է, իրավաբան չեմ, ձերդ մեծապատվություն, բայց ես իրավական որոշ փորձարություն ունեմ։ Ես պատրաստ եմ ձեզ օգնելու։ | ||
+ | |||
+ | ― Հիանալի է, միստր Հարդինգ։ Հարցաքննությունը սկսեք։ | ||
+ | |||
+ | Հարդինգը նստեց Շաստերի տեղը և մի հայացք գցեց ուշադիր լսարանի վրա։ Նա հաջողված արտաքինով ու ամրակազմ տղամարդ էր, որ այնքան էլ նման չէր բանկի ծառայողի։ Իզուր չէր, երբ բոլորը ներկայացնում էին իրենց, Հանստենը մտածեց, որ Հարդինգը այն մարդը չէ, ինչ նա ձևացնում է։ | ||
+ | |||
+ | ― Ձեր անունը Մայրա Շաստե՞ր է։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն է ձեզ Լուսին բերել, միսսիս Շաստեր։ | ||
+ | |||
+ | Վկան ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Ես անմիջապես կարող եմ պատասխանել դրան։ Ինձ ասացին, որ Լուսնի վրա ես կկշռեմ քսան կիլոգրամ, ես էլ թռա եկա։ | ||
+ | |||
+ | ― Չի՞ կարելի արդյոք ճշտել․ ինչո՞ւ էիք դուք ցանկանում քսան կիլոգրամ կշռել։ | ||
+ | |||
+ | Միսսիս Շաստերը այնպես նայեց Հարդինգին, կարծես նա մեծագույն հիմարությունն ասած լիներ։ | ||
+ | |||
+ | ― Մի ժամանակ ես պարուհի էի, ― պատասխանեց նա, ու նրա ձայնը հանկարծ թախծալի դարձավ, դեմքը՝ մտախոհ։ ― Իհարկե, ես թողեցի այդ զբաղմունքը, երբ ամուսնացա Իրվինգի հետ։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ «իհարկե», միսսիս Շաստեր։ | ||
+ | |||
+ | Վկան մի հայացք նետեց ամուսնու կողմը․ վերջինս կուչ ու ձիգ արեց, նույնիսկ տեղից մի փոքր բարձրացավ, կարծես ուզում էր բողոքել, բայց փոշմանեց։ | ||
+ | |||
+ | ― Այո, նա ասաց, թե իբր, ազնվաբարո զբաղմունք չէ պարելը։ Ճիշտ է, իհարկե, չէ որ ես պարում էի․․․ | ||
+ | |||
+ | Այստեղ միստր Շաստերը չդիմացավ։ Միանգամայն արհամարհելով դատարանը, նա ոտքի թռավ ու բղավեց․ | ||
+ | |||
+ | ― Մայրա՜, պետք չի․․․ | ||
+ | |||
+ | ― Դե, թքած դրա վրա, Ի՛րվ, ― անմիջապես պատասխանեց նա։ Ու նրա անպատեհ ու հնաբույր ժարգոնից իննսունական թվականների հոտ փչեց։ ― Դե, ինչ կա որ հիմի։ Ինչո՞ւ ձևանալ, որ այդպես է։ Ի՞նչ կլինի, եթե նրանք իմանան, որ ես պարել եմ «Երկնագույն աստերոիդում»․․․ և որ դու ինձ փրկեցիր, երբ փարավոնները վրա տվեցին։ | ||
+ | |||
+ | Իրվինգը նստեց, զայրացած փնչացնելով, ու խցում մի որոտընդոտ քրքիջ ճայթեց, որ նորին մեծապատվությունը չփորձեց նույնիսկ կանխել։ Թող սրտները բաց անեն, երբ մարդ ծիծաղում է, մոռանում է երկյուղը։ | ||
+ | |||
+ | Ու կոմոդորը նորից ինքն իրեն հարցրեց․ այնուամենայնիվ, ո՞վ է այդ միստր Հարդինգը, որը լոկ մի անփույթ ու միևնույն ժամանակ խորամանկ հարցով հասավ այդպիսի էֆեկտի։ Ոչ, իրավաբանի համար նա վատ չէր գլուխ հանում գործից։ Հետաքրքիր կլինի նրան տեսնել մեղադրավկայի դերում, երբ հարց տալու հերթը Շաստերին կհասնի․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասնմեկերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Վերջապես ինչ֊որ մի բան խախտեց Ծարավի ծովի տափակ միապաղաղությունը։ Հորիզոնի ետևից երևաց փոքրիկ, բայց կուրացնելու աստիճան պայծառ լույսի բեկորը։ Փոշեսահնակները ինչքան առաջ էին սուրում, նա այնքան վեր էր բարձրանում դեպի աստղերը։ Ահա էլի մեկը, էլի․․․ Լուսնի եզերքին դեպի երկինք էին ձգվում Անմատչելիության լեռների բարձունքները։ | ||
+ | |||
+ | Աչքաչափով չես կարող որոշել հեռավորությունը, կթվա, որ դրանք ոչ մեծ ժայռեր են, ձեռքդ մեկնես՝ կհասնի, կամ որ այդ հզոր լեռնագագաթները մի այլ աշխարհում են, Լուսնից միլիոնավոր կիլոմետր հեռու։ Իրականում ընդամենը հիսուն կիլոմետր էր մինչև այնտեղ, կես ժամվա ճանապարհ փոշեսահնակներով։ | ||
+ | |||
+ | Թոմ Լոուսոնին ուրախացնում էին լեռները․ նրանք լցնում էին դատարկությունը, որը կլանում էր մարդու հայացքն ու բանականությունը։ Մի փոքր էլ, ու նա կգժվեր արտաքուստ անծայր այդ հարթությունից։ Իհարկե, հիմարություն է։ Թոմը շատ լավ էր հասկանում, որ հորիզոնը շատ մոտ է, որ Ծարավի ծովը՝ Լուսնի միայն մի մասն է, որի մակերեսը ամենևին էլ անվերջ չէ։ Սակայն քանի դեռ նրան թվում էր, որ փոշեսահնակը տեղում կանգնած է, նա իրեն զգում էր ինչպես մղձավանջային երազում, երբ չարչարվում, տանջվում ես՝ ջանալով խույս տալ փորձանքից, բայց չես կարողանում, ոտքերդ չեն տանում։ Նա այդպիսի երազներ շատ էր տեսնում, նույնիսկ ավելի սարսափելիները։ | ||
+ | |||
+ | Բայց այժմ նա պարզ տեսնում է, որ իրենք շարժվում են, փոշեսահնակի երկար ու սև ստվերը սառած չէր փոշու վրա։ Թոմը տեղարկուն ուղղեց դեպի լեռնագագաթները․ սարքը անմիջապես արձագանքեց։ Հասկանալի է, արևի ճառագայթներից նրանք համարյա շիկացել են։ Լուսնային առավոտը նոր֊նոր է սկսում, բայց լեռնագագաթները ասես բոցեղեն լեզուներ լինեն։ Այստեղ, «ծովի» մակարդակի վրա, շատ ավելի զով է։ Փոշու վերին շերտը առավելագույն աստիճանի տաքանում է միայն կեսօրին, իսկ մինչև կեսօր դեռ յոթ օր կա։ Այդ հանգամանքը առանձնապես կարևոր էր Լոուսոնի համար։ Թեև արդեն օրն սկսվել է, դեռևս հույս կա գտնելու ջերմային թույլ օջախներ, քանի հզոր լուսատուն չի ջնջել դրանք։ Քսան րոպե անց լեռները զբաղեցրին երկնքի կեսը, և փոշեսահնակները դանդաղեցրին ընթացքը։ | ||
+ | |||
+ | ― Որպեսզի չանցնենք վթարի վայրը, ― բացատրեց Լոուրենսը։ ― Նայեցե՛ք, այ այնտեղ, աջ կողմում, կրկնակի գագաթ կա, իսկ ավելի ցած՝ ուղղահայաց սև գիծ։ Գտա՞ք։ | ||
+ | |||
+ | ― Այո՛։ | ||
+ | |||
+ | ― Այդ կիրճը տանում է դեպի Խառնարանային լիճը։ Ձեր նկարի վրա եղած ջերմային բիծը գտնվում է կիրճից երեք կիլոմետր արևմուտք։ Այն դեռևս չի երևում, հորիզոնի ետևում է։ Ո՞ր կողմից պետք է մոտենալ։ | ||
+ | |||
+ | Լոուսոնը մտովի հաշվեց։ Թերևս, ամենից լավ է հյուսիսից կամ հարավից։ Եթե արևմուտքից մոտենանք, տեսադաշտում կլինեն այդ բոցավառվող ժայռերը։ Իսկ արևելքից բոլորովին չի կարելի՝ դեմ֊հանդիման ծագող արևն է։ | ||
+ | |||
+ | ― Հյուսիսից մտնենք, ― ասաց Լոուսոնը։ ― Եվ երբ երկու կիլոմետր մնա, ինձ զգուշացրեք։ | ||
+ | |||
+ | Փոշեսահնակները նորից ավելացրին արագությունը։ Թեև դեռ շուտ էր, Թոմը սկսեց տեղարկուով զննել Ծավի մակերեսը։ Ջերմաորոնման հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ սովորաբար վերին շերտի ջերմաստիճանը միատեսակ է լինում, և միայն մարդը կարող է խախտել այն։ Իսկ եթե այդ ճիշտ չէ․․․ | ||
+ | |||
+ | Ենթադրությունը ճիշտ չէր։ Թոմ Լոուսոնը կոպիտ կերպով սխալվել էր իր հաշվումներում։ Տարադիտակի էկրանի վրա Ծարավի ծովը իրենից ներկայացնում էր լույսի ու ստվերի, ավելի ճիշտ, տաքի ու ցրտի մի ցանց։ Թեև ջերմային շեղումները շատ չնչին էին, դա բավական էր, որպեսզի քաոս ստացվեր։ Ջերմային այդ լաբիրինթոսում որևէ առանձին աղբյուր տարբերելը անհնարին էր․․․ | ||
+ | |||
+ | Թոմի սրտի թելը կտրվեց։ Նա հայացքը պոկեց էկրանից ու տարակուսալի աչքերը հառեց փոշուն։ Անզեն աչքի համար նրա մակերեսը խիստ հարթ էր՝ համատարած մի գորշ դաշտ։ Իսկ ինֆրակարմիր ճառագայթներում նա նույնքան խայտաբղետ էր, ինչպես երկրային ծովերը ամպամած օրը, երբ լույսն ու ստվերը ջրերի վրա անընդհատ փոփոխվող նախշեր են ստեղծում։ | ||
+ | |||
+ | Բայց այս անջուր ծովի վրա ամպեր չկան, մի ինչ֊որ այլ պատճառ ունի այդ խայտաբղետությունը։ Թոմը խորապես ցնցված էր, և գիտական բացատրություն փնտրելու ժամանակը չէր։ Քանի֊քանի հազար կիլոմետր կտրել֊անցել էր, եկել Լուսին, վտանգի ենթարկելով կյանքը, որպեսզի մասնակցի այս հիմար որոնումներին, ― ու հանկարծ, բնության մի քմահաճույքով, մանրամսն մտածված փորձը տապալվում է։ Այստեղ են ասել, թե բախտդ չբերեց․․․ Ներքուստ Թոմ Լոուսոնը խղճաց ինքն իրեն։ | ||
+ | |||
+ | Մի քանի րոպե անց նա մտաբերեց «Սելենի» մեջ գտնվողներին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ― Եվ այսպես, ― շեշտված հանդարտությամբ ասաց «Աուրիգայի» նավապետը, ― դուք ուզում եք իջնել Անմատչելիության լեռների վրա։ Հրապուրիչ միտք է․․․ | ||
+ | |||
+ | Դե, իհարկե, Անսոնը նրա խոսքերը լուրջ չընդունեց։ Ըստ երևույթին մտածեց, որ այս խելագար ռեպորտյորը պարզապես չի պատկերացնում բոլոր բարդությունները։ Թերևս դա արդարացի լիներ տասներկու ժամ առաջ, երբ Սպենսերը նոր֊նոր միայն հղանում էր իր պլանը։ Իսկ այժմ նա արդեն ձեռք է գցել ամեն տեսակի տեղեկություններ ու հիանալի գիտի իր անելիքը։ | ||
+ | |||
+ | ― Նավապետ, ես լսում էի, դուք գլուխ էիք գովում, թե իբր կարող եք իջեցնել ձեր տիեզերանավը ուզածդ վայրում՝ մինչև մեկ մետրի ճշտությամբ։ Ճի՞շտ էիք ասում։ | ||
+ | |||
+ | ― Հըմ․․․ կարող եմ, եթե հաշվիչ մեքենա լինի։ | ||
+ | |||
+ | ― Հրաշալի է։ Իսկ հիմա նայեցեք այ այս լուսանկարին։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է սա։ Գլազգոն կիրակնամուտին զբոսամոլի աչերո՞վ։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ձեր ասածի մեջ ճշմարտության հատիկ կա, լավ չի մեծացված, բայց կարելի է գլուխ հանել։ Այստեղ երևում է հենց այն տեղամասը, որը գտնվում է Անմատչելիության լեռների արևմտյան գագաթի դիմաց։ Մի քանի ժամ անց իմ ձեռքի տակ կլինի այլ լուսանկար, շատ ավելի պարզը, և մի քարտեզ հորիզոնագծերով։ Տեղագրության վարչությունն արդեն գծագրում է այն, նրանք նկարել են ամբողջ շրջանը։ Ահա այստեղ մի լայն ելուստ կա՝ բավականին լայն, որպեսզի տիեզերանավերը իջնեն, և հարթ, համենայն դեպս, այ այստեղ․․․ ու այստեղ։ Այնպես որ ձեզ համար վայրէջք կատարելը պրոբլեմ չի։ | ||
+ | |||
+ | ― Տեխնիկապես հնարավոր է։ Բայց դուք թեկուզ մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կնստի այդ։ | ||
+ | |||
+ | ― Դա արդեն իմ գործն է, նավապետ, ավելի ճիշտ իմ գործակալության։ Մենք գտնում ենք, որ չարչարանքն արժե, եթե միայն իմ նախազգացումը ինձ չխաբի։ | ||
+ | |||
+ | Սպենսերը էլի բաներ կարող էր ասել, բայց երբ հող ես նախապատրաստում գործարքի համար, ավելի լավ է դիմացինիդ ցույց չտաս, որ քեզ չափազանց հարկավոր է նրա ապրանքը։ Նա մեծ սենսացիայի ակնկալություններ ուներ․ փրկարար աշխատանքներ տիեզերքում հեռուստաապարատների օբյեկտիվների առջև, ― այդպիսի բան դեռևս չէր եղել երբեք։ Աստված գիտի, տիեզերական աղետներ պատահել են նաև առաջներում, սակայն անհայտության դրամատիկ տարրը բացակայել է։ Մարդիկ զոհվում էին մի ակնթարթում, իսկ եթե չէին էլ զոհվում՝ միևնույն է չէր կարելի նրանց օգնել։ Դժբախտ պատահարների մասին հաղորդումները տպագրվում էին աչքի ընկնող տեղում, բայց նրանց անմիջապես դուրս էին մղում այլ նորությունները։ | ||
+ | |||
+ | ― Բանը փողի մեջ չէ, ― ասաց նավապետը, թեև նրա տոնից զգացվում էր, որը փողը այնուամենայնիվ վճռական դեր է խաղում։ ― Նույնիսկ, եթե ընկերությունն էլ համաձայնի, ձեզ դեռևս հարկ կլինի ունենալ Ըրթսայդի տիեզերական ծառայության թույլտվությունը։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, այդ հարցն արդեն լուծվում է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ Լլոյդի մասին ի՞նչ կասեք։ Մեր ապահովագրությունը նման զբոսանքների վրա չի տարածվում։ | ||
+ | |||
+ | Սպենսերը հակվեց սեղանին․ ժամանակն էր մեջ բերել հաղթաթուղթը։ | ||
+ | |||
+ | ― Նավապետ, ― շեշտված արտասանեց նա։ ― «Ինտեր֊փլանիթ նյուսը» համաձայն է առաջարկել ապահովագրական գումարին հավասար գրավական։ Որքան ինձ հայտնի է, այդ (մի փոքր ավելացրած) գումարը կազմում է վեց միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար հիսուն ստեռլինգ֊դոլլար։ | ||
+ | |||
+ | Նավապետ Անսոնը աչքը մեկ թարթեց, երկու թարթեց, ու կերպարանափոխվեց բոլորովին։ Մտախոհ նա մի գավաթ ևս լցրեց։ | ||
+ | |||
+ | ― Երբեք մտքովս չէր անցնի, որ ծերության օրերում կզբաղվեմ ալպինիզմով, ― ասաց նա։ ― Բայց եթե դուք չեք ափսոսում վեց միլիոն դալլարը՝ կեցցե՜ն լեռները։ | ||
+ | |||
+ | |||
+ | Միսսիս Շաստերի ամուսինը թեթևացած շունչ քաշեց, երբ հարցաքննություն ընդհատվեց ճաշի պատճառով։ Լինելով ասող֊խոսող անձնավորություն, Մայրա Շաստերը չէր թաքցնում իր ուրախությունը, որ երկար տարիներ ի վեր առաջին անգամ սիրտը բանալու առիթ էր ստեղծվել։ Նրա կարիերան, եթե կարելի է այդպես ասել, առանձնապես փառավոր չէր, երբ ճակատագիրն ու Չիկագոյի ոստիկանությունը վերջ տվին նրան․ բայց Մայրան որոշ բան հասցրեց տեսնել ու ճանաչում էր անցյալ դարավերջի շատ ականավոր արտիստների։ Նրան լսելով, մեծահասակ ուղևորներից շատերը հիշեցին իրենց երիտասարդությունն ու իննուսանական թվականների երգերը։ Իսկ երբ միսիս Շաստերը երգեց անթառամ «Կոսմոբլյուզը», բոլորը խմբով ձայնակցեցին նրան, ու դատարանը չառարկեց։ Կոմոդորի կարծիքով, նման մասսովիկին պետք էր գնահատել ոսկու քաշով։ Իսկ այդ մի բան արժեր, եթե նկատի ունենանք Մայրա Շաստերի կազմվածքը։ | ||
+ | |||
+ | Ճաշից հետո (դանդաղ ուտողները հաջողացրին այն մի կես ժամով ձգձգել, քանի որ յուրաքանչյուր պատառը ծամում էին ամենայն խնամքով) նորից ձեռքն առան գրքերը, ընդ որում այժմ արդեն հաղթեցին «Նարինջ ու խնձորի» կողմնակիցները։ Քանի որ նյութը անգլիական կյանքից էր, որոշեցին, որ միստր Բարրետը պիտի կարդա։ Նա ամեն կերպ ուզում էր օձիքն ազատել, բայց ուժերն անհավասար էին։ | ||
+ | |||
+ | ― Դե, ինչ արած, ― դժկամությամբ համաձայնեց նա։ ― Սկսենք։ Եվ այսպես, գլուխ առաջին։ Դրարի լեյն։ Հազար վեց հարյուր վաթսունհինգ թիվ․․․ | ||
+ | |||
+ | Հեղինակը իզուր ժամանակ չէր վատնում։ Արդեն երրորդ էջում սըր Իսահակ Նյուտոնը ձգողականության օրենքն էր բացատրում միսսիս Գվինին, որը հասկացնել էր տվել, որ պատրաստ է վարձահատույց լինել նրան։ Պաթ Հարրիսը գլխի էր ընկնում, թե նրա (միսսիս Գվինի) միտքը ինչ է, բայց պաշտոնական պարտականությունները մղեցին ուշադրությունը այլ բանի վրա կենտրոնացնելու։ Զվարճությունը ուղևորների համար է․ անձնակազմին սպասում է աշխատանքը։ | ||
+ | |||
+ | ― Վթարային պաշարի մի արկղին դեռ ձեռք չեմ տվել, ― օդասահանքի խցիկի դուռը հազիվ բացած՝ ասաց միսս Ուիլքինզը, ընդհատելով միստր Բարրետի արտահայտիչ ձայնը։ ― Թխվածքն ու ջեմը վերջանալու վրա են, իսկ մսի խտածուն դեռ կբավականացնի։ | ||
+ | |||
+ | ― Զարմանալի ոչինչ չկա, ― պատասխանեց Պաթը։ ― Ոչ ոքի բկից կուլ չի գնում։ Ապա, մի եկեք ստուգենք մեր պարենամթերքի պաշարները։ | ||
+ | |||
+ | Ստուարդուհին նրան տվեց մեքենագիր էջեր, որոնք լի էին մատիտով արված նշաններով։ | ||
+ | |||
+ | ― Այսպես, սկսենք այս արկղից։ Ի՞նչ կա այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Օճառ և թղթե սրբիչներ։ | ||
+ | |||
+ | ― Ըմմ․․․ դրանք չես ուտի։ Իսկ այստե՞ղ։ | ||
+ | |||
+ | ― Սառնաշաքար։ Ես դրանք պահել եմ, որպեսզի․․․ երբ մեզ գտնեն, տոնելու մի բան ունենանք։ | ||
+ | |||
+ | ― Վատ միտք չէ, բայց, կարծում եմ, կարելի է մի քիչ բաժանել այս երեկո։ Յուրաքանչյուրին մի կոնֆետ՝ թեյի փոխարեն։ Այստեղ ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | ― Սիգարետներ, հազար հատ։ | ||
+ | |||
+ | ― Հետևեք, որպեսզի ոչ ոք չտեսնի դրանք։ Լավ կլիներ ինձ էլ չասեիք։ | ||
+ | |||
+ | Պաթը թեթևակի ժպտաց Սյուին ու շարունակեց հաշվառումը։ Պարզ էր, որ ուտելիքը գլխավոր խնդիրը չէր, բայց խնայողությունը չի խանգարի։ Պաթ Հարրիսը լավ գիտեր իր պետերին․ փրկվելուց հետո վաղ թե ուշ կգտնվի մի չինովնիկ՝ կենդանի էակ կամ էլեկտրոնային, որը հաշիվ կպահանջի ծախսված մթերքների համար։ | ||
+ | |||
+ | Փրկվելուց հետո․․․ Իսկ հավատա՞լ, որ կփրկեն իրենց։ Երկու օր է անցել, ու դեռ չի երևում, որ իրենց փնտրում են։ Պաթը ստույգ չգիտեր, թե փրկության ինչ նշաններ է սպասում, բայց ինչ֊որ բան գոնե պետք է լինի։ | ||
+ | |||
+ | Սյուի մտահոգված ձայնը ընդհատեց նրա մտորումները։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է պատահել, Պաթ։ Որևէ անախորժությո՞ւն։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք ասում, ― ժպտալով պատասխանեց նա։ ― Հինգ րոպե հետո մենք խարսխակայանում կլինենք։ Հիանալի զբոսանք էր, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | Սյուն վարանած նայեց նրան, ապա կարմրեց ու նրա աչքերը լցվեցին արցունքով։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, ― զղջալով ասաց նա։ ― Ես ձեզ չէի ուզում վիրավորել։ Մեզ երկուսիս էլ հեշտ չէ, բայց դուք լավ եք պահում ձեզ։ Ես չգիտեմ, թե ինչ կանեինք առանց ձեզ, Սյու։ | ||
+ | |||
+ | Նա թաշկինակով սրբեց արցունքները, ժպտաց ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես ոչինչ չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | Մի պահ երկուսն էլ լռեցին, ապա Սյուն շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք կարծում, մենք դուրս կպրծնե՞նք այստեղից։ | ||
+ | |||
+ | Նա ուսերը թոթվեց։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ գիտի․․․ Բայց ուղևորների առաջ պետք է ցույց տալ, որ մենք չենք կասկածում դրանում։ Ինչ խոսք, ամբողջ Լուսինն է փնտրում մեզ։ Արդեն շատ չմնաց։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ասենք նրանք գտան «Սելենը», ― իսկ ինչպե՞ս կազատեն մեզ այստեղից։ | ||
+ | |||
+ | Պաթը նայեց ելքի դռանը, որից նրան ընդամենը մի քանի սանտիմետր էր բաժանում։ Բավական է ձեռքը պարզի, որպեսզի հասնի նրան։ Ավելին, եթե անջատի ինքնաուղեփակումը, դուռը կարելի է բանալ։ Բարակ մետաղաթերթից այն կողմ՝ անթիվ տոննաներով փոշին է, որը ներս կխուժի, ինչպես ջուրը խորտակված նավը, եթե փոքր֊ինչ ճեղք գտնի։ Քանի՞ մետր է մինչև մակերեսը։ Այդ հարցը խորտակվելուց ի վեր մտատանջում էր նրան, բայց ինչպե՞ս իմանալ․․․ | ||
+ | |||
+ | Ու չգիտեր, ինչ պատասխաներ Սյուին։ Այժմ նրա մտքերը մի բանի շուրջն էին պտտվում․ կգտնե՞ն, թե չեն գտնի։ Միայն թե գտնեն, իսկ այնտեղ մի բան կմտածեն։ Մարդկությունը թույլ չի տա, որպեսզի նրանք կործանվեն, եթե համոզվի, որ կենդանի են։ | ||
+ | |||
+ | Ինքնախաբեություն է այս, և ուրիշ ոչինչ։ Անցյալ դարում հարյուրավոր անգամ մարդիկ ընկել են նման թակարդներ և նույնիսկ ամենազորեղ պետությունները անզոր են գտնվել փրկելու նրանց։ Նույնիսկ հնարավոր չի եղել ազատել փլված հանքում մնացած հանքափորին, խորտակված սուզանավերի ծովայիններին, էլ չենք խոսում հաշվարկային ուղեծրից դուրս եկած տիեզերանավերի անձնակզմերի մասին։ Հաճախ այդ մարդիկ մինչև վերջին շունչը կարողացել են խոսել իրենց ընկերների ու հարազատների հետ։ Այդպես պատահեց երկու տարի առաջ, երբ «Կասիոպեայի» կառավարումը խափանվեց ու հզոր շարժիչները տիեզերանավը արեգակնային համակարգությունից դուրս տարան։ Նա հիմա էլ թռչում է Կոնոպուսի կողմը, նրա ուղեծիրը նույնպես հայտնի է։ Աստղագետները կարող էին «Կասիոպեայի» կոորդինատները հաշվել առաջիկա միլիոն տարվա համար՝ մի քանի հազար կիլոմետրի ճշտությամբ։ Ինչպիսի՞ մխիթարություն դամբարանում թաղված աձնակազմի համար, դամբարան, որն իր հարատևությամբ կարող է մրցել ուզածդ բուրգի հետ։ | ||
+ | |||
+ | Լարելով կամքը, Պաթը կարողացավ ցրել այդ միանգամայն անպետք մտքերը։ Իրենց ճակատագիրը դեռ հայտնի չէ, ու ավելի լավ է չմտածել դժբախտության մասին, որպեսզի իրենց գլխին չգա։ | ||
+ | |||
+ | ― Եկեք արագ վերջացնենք հաշվառումը։ Ուզում եմ լսել թե Նելլը ինչպես է լեզու գտնում Իսահակի հետ։ | ||
+ | |||
+ | Ինչ խոսք, մտածմունքի համար դա շատ ավելի ախորժելի առարկա է, մանավանդ, երբ կանգնած ես դուրեկան աղջկա կողքին։ Նման դեպքերում կանայք մի խոշոր առավելություն ունեն տղամարդկանց նկատմամբ, մտածեց Պաթը։ Հիմա էլ էր հաճելի Սյուին նայելը, թեև արևադարձային տոթը նրան ստիպել էր հրաժարվել համազգեստից։ Պաթը, ինչպես և «Սելենի» բոլոր տղամարդիկ, սրտնեղում էին, որ երրորդ օրն է, ինչ չէին սափրվել, ու ոչինչ էլ չէին կարող անել։ | ||
+ | |||
+ | Ինքն էլ չնկատելով, թե ինչպես՝ Պաթը Հարրիսը այնքան մոտեցավ միսս Ուիլքինզին, որ նրա երեսի մազերը ծակեցին Սյուի այտը։ Նա անմիջապես ընկրկեց, բայց ստուարդուհին այնպիսի կեցվածքով էր կանգանած, ասես սպասում էր դրան ու ամենևին էլ զարմացած չէր։ | ||
+ | |||
+ | ― Դուք, իհարկե, անպատկառ կնամոլ եք համարում ինձ, ― հուզմունքը զսպելով ասաց Պաթը։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ, ― հոգնած ժպիտը դեմքին պատասխանեց Սյուն։ ― Նույնիսկ հաճելի է իմանալ, որ ես դեռ դուր եմ գալիս։ Ոչ մի աղջիկ չի նեղանում, երբ սկսում են սիրահետել իրեն։ Այլ բան է, երբ տղամարդը չափը չի ճանաչում։ | ||
+ | |||
+ | ― Ժամանակն է, որպեսզի ես զսպե՞մ ինձ։ | ||
+ | |||
+ | ― Եթե միայն մենք սիրեինք միմյանց, Պաթ․․․ Դա շատ կարևոր է ինձ համար։ Ինչ խոսք, ես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ ձեզ հետ։ Ես կարող էի այլ տեղ ընտրել։ | ||
+ | |||
+ | ― Եվ իզուր չընտրեցիք, ― պատասխանեց Պաթը։ | ||
+ | |||
+ | ― Դե, դե, նորից մռայլությունը պատեց ձեզ, ― ասաց Սյուն։ ― Ձեր դժբախտությունը դրանում է․ շատ շուտ եք հուսահատվում։ Ու հաստատակամություն չունեք, ամեն մարդ կարող է հրամայել ձեզ։ | ||
+ | |||
+ | Պաթը նրան նայեց՝ ավելի շուտ զարմանքով, քան վիրավորված։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես չէի էլ կասկածում, որ դուք ուսումնասիրում եք իմ հոգեբանությունը։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ ուսումնասիրել։ Բայց եթե աշխատում ես մեկի հետ, որը քեզ հետաքրքրում է, ակամա որոշ բաներ նկատում ես։ | ||
+ | |||
+ | ― Լավ, բայց ես չեմ կարող համաձայնել, որ ինձ հրամայում են։ | ||
+ | |||
+ | ― Չե՞ք կարող։ Իսկ ո՞վ է այժմ տեր ու տնօրինություն անում նավում։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք կոմոդորին նկատի ունեք, դա բոլորովին այլ բան է։ Նա հազար անգամ ավելի հարմար է հրամանատարի համար։ Ու բացի այդ, նա շատ տակտով մարդ է, ամեն ինչում թույլտվություն է խնդրում ինձանից։ | ||
+ | |||
+ | ― Արդեն չի խնդրում։ Իսկ որ գլխավորն է․ դուք ուրախ եք, որ հրամանատարությունը նա վերցրել է իր վրա։ | ||
+ | |||
+ | Պաթը մի պահ մտածեց, ապա անսքող հարգանքով նայեց Սյուին։ | ||
+ | |||
+ | ― Թերևս դու ճիշտ ես։ Ես երբեք չեմ ձգտել հաստատելու իմ եսը, իմ հեղինակությունը։ Գուցե այդ է պատճառը, որ ես լուսագնացի վարորդ եմ, և ոչ թե տիեզերանավի նավապետ։ Բայց թե արդեն ուշ է ուղղվել։ | ||
+ | |||
+ | ― Դուք դեռևս երեսուն էլ չկաք։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ հաճոյախոսության համար։ Ես երեսուներկու տարեկան եմ։ Մենք, Հարրիսներս, մինչ ի ծերություն երիտասարդ ենք երևում։ Հենց միայն դրանով էլ կարող ենք պարծենալ։ | ||
+ | |||
+ | ― Երեսուներկու՝ ու դեռ սիրած աղջիկ չունեք։ | ||
+ | |||
+ | «Էհե՜, ― մտածեց Պաթը։ ― Դու դեռ ամեն ինչ չէ, որ գիտես իմ մասին։ Բայց և այնպես․․․ Թերևս, Սյուն ճիշտ է, սիրած աղջիկ չունեմ։ Արդեն հինգ տարի է՝ Իվոնից հետո։ Ինչ հինգ՝ յոթ տարի առաջ էր»։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ շտապեմ, ― ասաց նա արդեն բարձրաձայն։ ― Ոչինչ, շուտով ընտանիք կկազմեմ։ | ||
+ | |||
+ | ― Դուք այդպես կխոսեք նաև քառասուն, հիսուն տարեկան հասակում։ Դե տիեզերագնացների բանն այդպես է։ Ժամանակին ընտանիք չեն ստեղծում, իսկ հետո ուշ է լինում։ Վերցնենք թեկուզ նույն կոմոդորին։ | ||
+ | |||
+ | ― Նորի՞ց կոմոդորը։ Ինչքա՞ն կարելի է նրա մասին խոսել։ | ||
+ | |||
+ | ― Նա ողջ կյանքը տիեզերքում է անցկացրել։ Ոչ ընտանիք ունի, ոչ երեխաներ։ Երկիրը նրա համար ոչինչ չարժե, շատ քիչ է ապրել այնտեղ։ Երբ ծառայության ժամկետն ավարտվեց, նա, հավանաբար, չգիտեր ինչ անի։ Այնպես որ, այս եղելությունը նրա համար երկնային պարգև էր, նա հիմա պարզապես երջանիկ է։ | ||
+ | |||
+ | ― Թող այդպես լինի, նա արժանի է դրան։ Ես շատ ուրախ կլինեի, եթե նրա արածի տասներորդ մասն անեի։ Բայց թե․․․ | ||
+ | |||
+ | Պաթը նոր միայն նկատեց, որ ցուցակները դեռևս ձեռքում է պահում։ Նա արդեն մոռացել էր այդ չարաբաստիկ թղթերը, որոնք մի ավելորդ անգամ ընդգծում էին, թե որքան սահմանափակ են իրենց հնարավորությունները։ Նավապետը հոնքերը կիտեց։ | ||
+ | |||
+ | ― Գործն սպասում է, ― ասաց նա։ ― Մենք պարտավոր ենք հոգալ ուղևորների մասին։ | ||
+ | |||
+ | ― Եթե երկար մնանք այստեղ, ― պատասխանեց Սյուն, ― ուղևորները կսկսեն վատ մտածել մեր մասին։ | ||
+ | |||
+ | Նա նույնիսկ չէր էլ կասկածում, թե նրա խոսքերը որքան մոտ էին ճշմարտությանը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասներկուերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Դոկտոր Լոուսոնը ինչ֊որ երկար է լռում, մտածեց գլխավոր ինժեները։ Ժամանակն է մի որևէ բան ասել։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչ կարգի՞ն է, դոկտոր, ― հարցրեց նա ամենաբարյացակամ տոնով, որքան ընդունակ էր դրան։ | ||
+ | |||
+ | Լոուսոնը որպես պատասխան միայն քրթմնջաց ջղայնությամբ, որը սակայն վերաբերում էր տիեզերքին, այլ ոչ Լոուրենսին։ | ||
+ | |||
+ | ― Չի գործում, ― դառնությամբ պատասխանեց նա։ Ջերմային պատկերը չափազանց խայտաբղետ է։ Մեկի փոխարեն՝ տասնյակ օջախներ կան։ | ||
+ | |||
+ | ― Կանգնեցրեք ձեր փոշեսահնակը։ Ես կտեղափոխվեմ ձեզ մոտ, ուզում եմ անձնամբ տեսնել։ | ||
+ | |||
+ | «Փոշեսահնակ 2֊ը» արգելակեց։ «Փոշեսահնակ 1֊ը» մոտեցավ նրան, նրանք կողք֊կողքի կանգնեցին։ Զարմանալի թեթևությամբ, չնայած կոպիտ զրահին, Լոուրենսը մի փոշեսահնակից ցատկեց մյուսը ու կանգնեց Լոուսոնի թիկունքում, բռնելով ծածկից։ Աստղագետի ուսի վրայով նա նայեց ինֆրակարմիր փոխակերպչի էկրանին։ | ||
+ | |||
+ | ― Հա՜․․․ա, բավականին խառնաշփոթ է։ Բայց չէ՞ որ ամեն ինչ կարգին էր, երբ դուք լուսանկար էիք անում։ | ||
+ | |||
+ | ― Ըստ երևույթին, արևածագը ազդում է։ Ծովը տաքանում է, և չգիտես ինչու՝ անհավասարաչափ։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, փորձենք գլուխ հանել այդ մոզաիկայից։ Այսպես․․․ Այստեղ կան գրեթե միապաղաղ տեղամասեր․․․ Ինչո՞վ բացատրել։ Եթե իմանայինք բանն ինչումն է, մենք կարող էինք մի բան մտածել։ | ||
+ | |||
+ | Թոմ Լոուսոնը մտքերը կենտրոնացրեց։ Ինքնավստահության դյուրաբեկ պատյանը ջարդուփշուր եղավ՝ դիպչելով անսպասելի խոչընդոտին, և նա իրեն շատ վատ էր զգում։ Վերջին երկու օրվա ընթացքում համարյա աչքը չէր խփել, արբանյակից՝ Լուսին, ապա՝ փոշեսահնակ, անչափ հոգնել էր, ու ի լրումն բոլորին, գիտությունը հիմար վիճակի մեջ էր դնում նրան։ | ||
+ | |||
+ | ― Տասնյակ բացատրություններ կարելի է գտնել, ― խուլ ձայնով պատասխանեց նա։ ― Թեև փոշին կարծես նույնակերպ է, հնարավոր են տարբեր հաղորդունակությամբ տեղերը։ Ծովը տեղ֊տեղ խորն է, տեղ֊տեղ սաղր, դա ևս ազդում է ջերմային ճառագայթման վրա։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը շարունակում էր նայել խառնիճաղանջ էկրանին, փորձելով այն համադրել նրա հետ, ինչ նա տեսնում էր անզեն աչքով։ | ||
+ | |||
+ | ― Սպասեցե՛ք, դուք ինձ որոշ բան հուշեցիք։ ― Գլխավորը դիմեց վարորդին․ ― Ինչպիսի՞ն է խորությունը այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ գիտի, Ծովը, ինչպես հարկն է, դեռևս չեն չափել։ Իսկ ընդհանրապես, այստեղ հուսիսային ափի մոտ, շատ ծանծաղ է։ Հաճախ պտուտակները քարերի են առնում։ | ||
+ | |||
+ | ― Նույնիսկ այդքա՞ն ծանծաղ։ Ահա ձեզ և պատասխանը։ Եթե մեր տակ, ընդամենը մի քանի սանտիմետրի վրա քար է, նա բնականաբար ազդում է ջերմաստիճանի վրա։ Գրազ կգամ, պատկերը կփոխվի, հենց որ մենք հեռանանք առափնյա ծանծաղուտից։ Դա տեղական երևույթ է, որի պատճառը հատակի անհարթությունն է։ | ||
+ | |||
+ | ― Թերևս դուք ճիշտ եք։ ― Թոմը փոքր֊ինչ սիրտ առավ։ ― Եթե «Սելենը» խորտակվել է, նրան պետք է փնտրել այնտեղ, որտեղ խորն է։ Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ այստեղ ծանծաղ է։ | ||
+ | |||
+ | ― Եկեք ստուգենք, իմ փոշեսահնակում քսան մետրանոց զննաձող կա։ | ||
+ | |||
+ | ― Ծալովի զննաձողի մի արմունկը բավական եղավ․ այն հատակին առավ մոտ երկու մետր խորության վրա։ | ||
+ | |||
+ | ― Պահեստի քանի՞ պտուտակ ունեք, ― ջրջահայաց լինելով հարցրեց Լոուրենսը։ | ||
+ | |||
+ | ― Չորս․ երկու լրիվ կոմպլեկտ, ― պատասխանեց վարորդը։ ― Բացի այդ էլ, պտուտակները ռեզինից են, եթե դիպչում են քարին ոչինչ չի լինում։ Ծռվում են՝ ու անմիջապես ուղղվում։ Այս ամբողջ տարվա ընթացքում ես ընդամենը երեք պտուտակ եմ կորցրել։ Վերջերս «Սելենի» պտուտակը նույնպես պոկվեց, Պաթ Հարրիսը ստիպված էր դուրս գալ ու ամրացնել այն։ Իհարկե, ուղևորները մի քիչ վախեցել էին․․․ | ||
+ | |||
+ | ― Պարզ է, գնացի՛նք առաջ։ Դեպի կիրճը։ Կասկածում եմ, որ այն շարունակվում է փոշու տակ Ծովի հատակով, ու ավելի խորն է այնտեղ։ Եթե ես ճիշտ եմ, ապա ձեր էկրանը անմիջապես կպարզվի։ | ||
+ | |||
+ | Թոմը առանց մի առանձին հույս տածելու հետևում էր, թե ինչպես է սահում էկրանի վրա լույսի ու ստվերի երփներանգը։ Փոշեսահնակները բոլորովին դանդաղեցրին իրնեց ընթացքը, որպեսզի նա հասցնի վերլուծել ստացվող պատկերը։ Եվ մի երկու կիլոմետր հետո Թոմը համոզվեց, որ Լոուրենսը ճիշտ էր։ | ||
+ | |||
+ | Ծածանքն ու կայլակները սկսեցին անհետանալ, տաքի ու ցրտի անկանոն նախշը փոխարինվեց միապաղաղ գորշությամբ։ Ակնհայտ էր, որ գնալով խորանում է։ | ||
+ | |||
+ | Այն իրողությունը, որ նրա սարքը նորից ցուցաբերում է իր պիտանելիությունը, կարծես պետք է ուրախացներ Թոմին։ Բայց հակառակը ստացվեց․ նա մտածում էր այն անտեսանելի հորձանուտի մասին, որի վրայով նրանք սահում էին, ապավինելով այդ անհուսալի, նենգ նյութին․․․ Ով գիտի, միգուցե, այնտեղ, ներքևում խորխորատները հասնում են մինչև Լուսնի կենտրոնը․ ամեն վայրկյան նրանք կարող են կուլ տալ փոշեսահնակները, ինչպես «Սելենին»։ | ||
+ | |||
+ | Թոմ Լոուսոնին համակել էր մի այնպիսի զգացում, ասես նա քայլում էր վիհի եզրով կամ երերուն ավազների միջով անցնող արահետով։ Ամբողջ կյանքում նա տանջվել է այն բանից, որ վստահ չի եղել իր վրա, միայն աշխատանքի մեջ նա մոռացել է իր տատանումները, իսկ մարդկանց հետ շփվելիս գլուխը կորցրել է։ Վտանգը առաջ էր մղել թաքուն երկյուղը։ Ու այժմ նա ամեն կերպ երազում էր մի ինչ֊որ հաստատուն, հուսալի, կայուն բանի մասին, որին կարելի լիներ ապավինել։ | ||
+ | |||
+ | Ահա, ընդհամենը երեք կիլոմետրի վրա լեռներն են՝ հզոր, մշտնջենական արմատներ նետած Լուսնի ընդերքում։ Թոմը այնպիսի հուսահատությամբ էր նայում արևով ողողված լեռնագագաթներին, ինչպես Խաղաղ օվիկանոսի մեջտեղում ալիքների քմահաճույքին հանձնված լաստի վրա կանգնած մարդը կնայեր մոտիկից սահող կղզիներին․․․ | ||
+ | |||
+ | Գոնե Լոուրենսը շուտ հեռանար այս չարագուշակ խաբուսիկ փոշու օվկիանոսից, մոտենար ապահով ափերին։ Թոմ Լոուսոնը հանկարծ զգաց, որ շշնջում է։ | ||
+ | |||
+ | ― Դեպի լեռնե՜րը, դեպի լեռնե՜րը գնացե՛ք։ | ||
+ | |||
+ | Բայց տիեզերական սկաֆանդրում ավելի լավ է բարձրաձայն չխորհդածել, եթե ռադիոն միացրած է։ Հիսուն մետրի վրա գլխավոր ինժեները լսեց Լոուսոնի շշնջոցը և շատ լավ հասկացավ, թե բանն ինչումն է։ | ||
+ | |||
+ | Երկնային մարմնի կեսի գլխավոր ինժեներ դառնալու համար, հարկավոր է գլուխ հանել ոչ միայն մեքենաներից, այլև մարդկանցից։ «Ես գիտակցաբար ռիսկի գնացի, ― մտածեց Լոուրենսը։ ― Կարծես սխալվեցի։ Բայց հեշտությամբ չեմ հանձնվի։ Թերևս, դեռ հնարավոր լինի վնասազերծել դանդաղ գործող այդ հոգեբանական ռումբը, մինչ այն կպայթի․․․»։ | ||
+ | |||
+ | Թոմը չնկատեց, թե ինչպես երկրորդ փոշեսահնակը վերստին մոտեցավ, այնքան որ նա կլանված էր իր ապրումներով։ Հանկարծ մի ինչ֊որ բան ցնցեց նրան, այնպես ուժգին, որ նա ճակատը խփեց սաղավարտին։ Ցավից ակամա նրա աչքերը արցունքով լցվեցին։ Սրբելով դրանք, Թոմ Լոուսոնը, որի հոգում խառնվել էին կատաղությունն ու տարօրինակ թեթևացումը, ուղիղ իր առջև տեսավ գլխավորի խիստ հայացքն ու սաղավարտի ներսում լսեց նրա հնչեղ ձայնը։ | ||
+ | |||
+ | ― Վերջ տվեք այդ անմիտ բաներին։ Ու ավելի խնամքով վարվեք մեր սկաֆանդրի հետ․ մաքրելու համար մեզնից հինգ հարյուր ստոլլար են վերցնում, զգեստն էլ փչանում է։ | ||
+ | |||
+ | ― Սիրտս չի խառնում․․․ ― հազիվ իրեն զսպելով փնթփնթաց Թոմը, բայց անմիջապես կռահեց, որ ավելի վատ բան է սպառնում իրեն, շնորհակալություն Լոուրենսին նրբանկատության համար։ Ու մինչ նա կհասցներ որևէ բան ավելացնել, նորից՝ այս անգամ արդեն ավելի մեղմ, հնչեց ինժեների ձայնը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ ոք այլևս մեզ չի լսում, Թոմ, ես միացրել եմ երկկողմանի կապը։ Լսեցեք ինձ և մի բարկացեք։ Ես որոշ բաներ գիտեմ ձեր մասին։ Գիտեմ, որ կյանքը ձեզ երես չի տվել։ Սակայն դուք լավ գլուխ ունեք, նույնիսկ շատ լավ գլուխ, այնպես որ մի կորցրեք ձեզ, մի երկյուղեք։ Ամեն ոք կարող է վախենալ, ոչ ոք ապահով չէ դրանից, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Ձեզնից է կախված քսաներկու հոգու կյանքը։ Ամեն ինչ կպարզվի մոտակա հինգ րոպեում։ Խոսքիս հավատացեք, մենք ձեզ ողջ ու առողջ ետ կբերենք։ | ||
+ | |||
+ | Աչքերը երիտասարդ գիտնականի հուզված դեմքից չհեռացնելով, Լոուրենսը այս անգամ արդեն բարեկամաբար ― ձեռքով խփեց նրա ուսին։ Ու թեթևացած նկատեց, որ Լոուսոնի խելքը գլուխն է գալիս։ | ||
+ | |||
+ | Մի պահ աստղագետը նստել էր անշարժ։ Նա սթափվել էր, բայց երևում էր, որ նա ունկնդրում է ինչ֊որ ներքին ձայնի։ «Ի՞նչ է հուշում նրան այդ ձայնը, ― ինքն իրեն հարցրեց գլխավորը։ ― Այն մասին, որ նա մարդկության մասնի՞կն է, թեկուզ նույնիսկ մանկության օրերին տարագրած լինի նրան զզվելի որբանոցում․․․ Կամ թե աշխարհում կա ինչ֊որ մեկը, որը ջերմ զգացմունքներ կտածի Թոմի նկատմամբ ու կմեղմի նրա դաժանացած սիրտը»։ | ||
+ | |||
+ | Տարօրինակ պատկեր կարելի էր դիտել այդ միջոցին Անմատչելիության լեռներից ընդհուպ մինչև արևի սկավառակը տարածվող հայելանման հարթության վրա։ «Փոշեսահնակ 1֊ը» ու «Փոշեսահնակ 2֊ը» հիշեցնում էին խաղաղ, անհողմ ծովի մեջ անակնկալի եկած նավերի, ու վարորդները կարող էին միայն գուշակել, թե բնավորությունների ինչպիսի դրամա խաղացվեց հենց նոր։ Կողքից չես էլ հասկանա, թե մեկ րոպե առաջ սուր էր դրված մարդկանց կենաց ու մահու հարցը։ Իսկ այն երկուսը, որոնք գիտեն այդ բանը, ոչ ոքի չեն պատմի։ | ||
+ | |||
+ | Եվ բացի այդ, երկուսի ուշքն ու միտքն էլ արդեն ուրիշ տեղ էր։ | ||
+ | |||
+ | Ավելի անհեթեթ կացություն չես հնարի․ այդ ամբողջ ժամանակ, երբ Լոուսոնն ու Լոուրենսը տեղարկուի մասին մոռացած, պարզում էին իրենց անձնական հարցերը, էկրանը համբերատարությամբ ցույց էր տալիս այն, ինչ փնտրում էին նրանք։ | ||
+ | |||
+ | |||
+ | Երբ Պաթն ու Սյուն վերջացրին հաշվառումն ու դուրս եկան օդասահանքից, ուղևորները դեռևս մտովի գտնվում էին ռեստավրացիայի ժամանակաշրջանի Անգլիայում։ Սըր Իսահակի ֆիզիկայի համառոտ դասախոսությանը, ինչպես և պետք էր սպասել, հաջորդեց մարդու կազմախոսության շատ ավելի երկար դասը Նելլ Գվինի ղեկավարությամբ։ Ունկնդիրները ի սրտե ուրախանում էին, մանավանդ, որ Բարրետը հիանալի կերպով ընդօրինակում էր հերոսների լեզվական առանձնահատկությունները։ | ||
+ | |||
+ | «― Հիրավի, սըր Այզըք, դուք շատ իմաստուն մարդ եք։ Եվ այնուամենայնիվ, ինձ թվում է, կինը շատ բան կարող էր սովորեցնել ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Օրինակ, ի՞նչ, սքանչելի լեդի։ | ||
+ | |||
+ | Միսսիս Նելը հուզմունքից շառագունեց։ | ||
+ | |||
+ | ― Վախենում եմ, ― շունչ առնելով ասաց նա, ― որ դուք ամբողջովին ձեզ նվիրաբերել եք հոգևոր կյանքին։ Դուք մոռացել եք, սըր, Այզըք, մարմնում նույնպես պակաս իմաստություն չի թաքնված։ | ||
+ | |||
+ | ― Ա՛հ, ոչ, ― բացականչեց նա, ― ետ չպահելով, սակայն, նրա ձեռքերը։ ― Միայն թե ոչ այստեղ, ոչ պալատո՛ւմ։ Թագավորը շուտով կվերադառնա։ | ||
+ | |||
+ | ― Մի հուզվեք, սիրելիս։ Կարլը կեր ու խումով է զբաղված այդ թուղթ մրոտող Պեպիսի հետ։ Նա չի երևա այժմ․․․»։ | ||
+ | |||
+ | «Միայն թե դուրս պրծնենք այստեղից, ― մտածեց Պաթը, ― մեր պարտքը լինի շնորհակալական նամակ ուղարկել Մարսի վրա ապրող տասնյոթամյա աշակերտուհուն, որին վերագրում են այս բարբաջանքի հեղինակությունը։ Նա բոլորին զվարճացնում է, իսկ դա գլխավորն է այժմ։ | ||
+ | |||
+ | Բոլորի՞ն։ Ոչ, մեկին միայն այդ ուրախությունը չէր հետաքրքրում։ Պաթը հուզմունքով նկատեց, որ միսս Մոռլին համառորեն ջանում է որսալ նրա հայացքը։ Հիշելով նավապետի իր պարտականությունները, նա սիրալիր, թեև փոքր֊ինչ բռնազբոսիկ, ժպիտը դեմքին, շրջվեց դեպի միսս Մոռլին։ | ||
+ | |||
+ | Նա չպատասխանեց ժպիտին, ավելին՝ նրա դեմքը օտարացավ։ Առանց շտապելու և ցուցադրականորեն միսս Մոռլին նայում էր մե՛կ Սյուին, մե՛կ էլ նորից Պաթին։ | ||
+ | |||
+ | Ամեն ինչ պարզ էր առանց խոսքի։ Նրանք լավ հասկացան նրան․ նրա հայացքը կարծես ասում էր․ «Ես գիտեմ, ինչ էիք անում դուք այնտեղ, ձեր խցիկում»։ | ||
+ | |||
+ | Պաթի դեմքը կարմրեց զայրույթից արդարակյաց մարդու, որին անտեղի զրպարտել էին։ Մի պահ ասես նա մխրճվեց իր բազկաթոռի մեջ, արյունը խփեց գլուխը։ Ապա փնթփնթաց քթի տակ։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ պառավ վհուկին ցույց կտա՛մ։ | ||
+ | |||
+ | Նա ոտքի կանգնեց, միսս Մոռլիին մի ժպիտ պարգևեց, որը լի էր քաղցրավուն թույնով, ու այնպես ասաց, որպեսզի լսեր միայն նա․ | ||
+ | |||
+ | ― Միսս Ուիլքինզ, ես ամենևին մոռացել էի մի բան։ Խնդրեմ, մի անգամ էլ անցնենք օդասահանքի խցիկը։ | ||
+ | |||
+ | Դուռը փակվեց, խեղդելով այն միջադեպի պատմությունը, որը միանգամայն անսպասելի լույս էր սփռում հերցոգ Սեն֊Օլբանսկու ծագման վրա, և Սյու Ուիլքինզը խորամանկ հետաքրքրասիրությամբ նայեց Պաթին։ | ||
+ | |||
+ | ― Դուք նկատեցի՞ք, ― հարցրեց նա, դեռևս զայրալից տոնով։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչը։ | ||
+ | |||
+ | ― Միսս Մոռլին․․․ | ||
+ | |||
+ | ― Հա․․․ ա՜, ― ընդհատեց նրան Սյուն։ ― Ուշադրություն մի դարձրեք խեղճի վրա։ Նա աչքը չի հեռացնում ձեզանից, ինչ խարսխակայանից դուրս ենք եկել։ Դուք շատ լավ հասկանում եք, թե ինչն է տանջում նրան։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչը, ― շփոթված հարցրեց Պաթը, թեև նախօրոք պատասխանը գիտեր։ | ||
+ | |||
+ | ― Նա․․․ ինչպես ասեմ․․․ վախենում է պառավելուց։ Բավականին տարածված ցավ է, ախտանիշներն էլ միշտ նույնն են։ | ||
+ | |||
+ | Սիրո ճանապարհները ոլոր֊մոլոր ու քմահաճ են։ Տասը րոպե առաջ Պաթն ու Սյուն խցիկից դուրս եկան՝ մաքրաբարո մնալու համաձայնությամբ։ Սակայն, միսս Մոռլի ― Նել Գվին աներևակայելի կոմբինացիան, «ջուրն ընկնողը անձրևից չի վախենա» միտքը, ինչպես նաև, հավանորեն, ենթագիտակցական այն զգացումը, որ վերջին հաշվով մահվան դեմ֊հանդիման միակ ապաստանը սերն է, ― այս ամենը միասին վերցրած, խախտեց նրանց վճռականությունը։ Նրանք մոտեցան միմյանց, ու Սյուն, ժպտալով շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, միայն թե ոչ այստեղ, ոչ պալատո՛ւմ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասներեքերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Գլխավոր ինժեներ Լոուրենսը սևեռուն հայացքով նայում էր թույլ լուսավորված էկրանին, փորձելով վերծանել պատկերը։ Բոլոր ինժեներների ու գիտնականների նման, նա իր կյանքի մի զգալի մասը անց էր կացրել սրընթաց էլեկտրոնների նկարած պատկերները զննելով, որոնք վերարտադրել են խիստ խոշոր կամ խիստ փոքր, չափազանց պայծառ կամ չափազանց աղոտ երևույթներ, որպեսզի մարդ կարողանար նկատել դրանք։ Հարյուր տարվանից ավելի է անցել այն ժամանակներից, երբ կատոդային փողակը իշխանություն ընծայեց մարդուն անտեսանելի աշխարհի նկատմամբ․ նա արդեն մոռացել է, թե երբ էր այդ աշխարհը անմատչելի եղել իրեն։ | ||
+ | |||
+ | Ինֆրատեղարկուն նրանցից երկու հարյուր մետր հեռու փոշե մակերևույթի վրա, հայտնաբերեց հազիվ նկատելի ջերմային բիծ, որը կազմում էր գրեթե կանոնավոր մեկուսացված մի շրջանակ։ Սարքի տեսադաշտում այլևս ոչ մի տեղ նկատելի չէր ջերմության աղբյուր։ Ճիշտ է, բիծը շատ ավելի փոքր էր, քան այն, որ Լոուսոնը նկարահանել էր «Լագրանժից», բայց կոորդինատները համընկնում էին։ Ոչ մի տարակույս․ այն է որ կա։ | ||
+ | |||
+ | Սակայն հայտնի չէ դեռևս, թե ինչ է նշանակում այդ բիծը․․․ Շատ բացատրություններ կարող են լինել։ Ասենք, այստեղ Ծովի հատակից ցցվել է մի միայնակ լեռնագագաթ, որը հասնում է մինչև մակերեսը։ Այդ բանը պարզելու միայն մի միջոց կար։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ մնացեք, ― ասաց Լոուրենսը։ ― Ես իմ փոշեսահնակով առաջ կգնամ։ Երբ ես լինեմ ճիշտ բծի կենտրոնում, ինձ ասացեք։ | ||
+ | |||
+ | ― Ինչ եք կարծում, դա վտանգավոր չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Հազիվ թե, բայց ավելի լավ է վտանգի չենթարկվել։ | ||
+ | |||
+ | Եվ «Փոշեսահնակ֊1֊ը» դանդաղ սահեց դեպի առեղծվածային բիծը՝ այնքան նկատելի ինֆրատեղարկուի համար, բայց նույնքան աննկատելի սովորական աչքի համար։ | ||
+ | |||
+ | ― Մի քիչ ձախ, ― հրաման տվեց Թոմը։ ― Մի քանի մետր ևս․․․ էլի․․․ այդպե՛ս։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը աչքերը հառեց լուսնային գորշ փոշուն։ Կարծես ոչ մի տարբերություն Ծովի մյուս տեղամասերի համեմատությամբ։ Բայց լավ նայելով, նա նկատեց մի այնպիսի բան, որից սարսուռ անցավ մարմնով։ | ||
+ | |||
+ | Եթե շատ ուշադիր նայես (ինչպես նա էր հիմա նայում) Ծովի հարթության վրա կարելի էր նկատել շատ մանր նախշեր։ Այդ նախշը շարժվում էր, երեսի շերտը ասես մի անտեսանելի քամու ուժով սողում էր դեպի փոշեգնացը։ | ||
+ | |||
+ | Այ քեզ բան․․․ Լուսնի վրա անսովորն ու անհասկանալին զգուշություն էր պահանջում․ շատ հաճախ այն փորձանք էր նշանակում։ Գլխավորը լարեց ուշադրությունը։ Եթե այստեղ խորտակվել է նավը, ի՞նչ կարող էր սպառնալ փոշեսահնակին․․․ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ է մի մոտեցեք, ― հաղորդեց նա «Փ ոշեսահնակ 2֊ին»։ ― Այստեղ ինչ֊որ տարօրինակ բան կա, չեմ կարողանում հասկանալ։ | ||
+ | |||
+ | Ու մանրամասն նա Լոուսոնին նկարագրեց երևույթը։ Լսելով՝ նա համարյա անմիջապես պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ասում եք, նման է վերընթաց հոսանքի՞։ Այդպես էլ պետք է լինի։ Մենք այդտեղ հայտնաբերել ենք ջերմային օջախ։ Այն բավականին հզոր է, ուստի և առաջ է բերել փոխատարական հոսանք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ջերմությունը որտեղի՞ց է։ Ի՞նչ գործ ունի «Սելենը»։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը չէր կարողանում թաքցնել իր հիասթափությունը։ Հենց սկզբից էլ նա այդպես էր մտածում։ Անիմաստ ձեռնարկում է։ Ճառագայթման մի օջախ կամ ցնցման հետևանքով դուրս ժայթքած շիկացած գազերը թյուրիմացության մեջ են գցել սարքը և իրենց խաբել֊քաշել են այս անապատը։ Որքան կարելի է շուտ պետք է հեռանալ այստեղից, հապաղելը վտանգավոր է։ | ||
+ | |||
+ | ― Ապա մի սպասեցե՛ք։ ― Լոուրենսը լսեց Թոմի ձայնը։ ― Իր բազմատեսակ ագրեգատներով ու քսաներկու ուղևորներով հանդերձ նավը քիչ ջերմություն չպետք է որ ճառագայթի։ Առնվազն երեք֊չորս կիլովատ։ Ու եթե փոշին ստատիկ հավասարակշռության վիճակում է, այդքանը բավական է, որպեսզի աղբյուրի նման խփի։ | ||
+ | |||
+ | Շատ էլ հավանական չէ․․․ Բայց Լոուրենսը պատրաստ էր կառչել ջրի երեսի փրփուրին։ Վերցնելով մետաղե զննաձողը, գլխավորը այն ուղղահայաց իջեցրեց փոշու մեջ։ Սկզբում նա հեշտությամբ էր գնում, բայց որքան խորն էր գնում, այնքան դիմադրությունը ավելանում էր։ Ու երբ ձննաձողը մինչև վերջ մտավ (քսան մետր), ― ինժեները լարեց բոլոր ուժերը, որպեսզի ավելի խոր հրի այն։ Զննաձողի ծայրը ևս անցավ փոշու տակ՝ ոչինչ չկա։ Բայց Լոուրենսը հույս էլ չուներ, որ առաջին իսկ փորձից կհաջողվի։ Պետք է գիտական մոտեցում, սիստեմ։ | ||
+ | |||
+ | Ետ ու առաջ հածանվելով, ասես երբեմնի կարտոֆիլ ցանող մի ֆերմեր, գլխավոր ինժեները փոշեսահնակից կիսով չափ դուրս թեքված՝ զննաձողը ձեռքին աշխատում էր։ Այդ օպերացիան մեծ ճշտաջանություն էր պահանջում, ու գործը դանդաղ էր ընթանում։ Լոուրենսը հիշեցնում էր կույրի, որը ճկուն շիվը ձեռքին խարխափում է մթության մեջ։ Եթե նրա շիվը շատ կարճ լինի, ապա մի բան ևս պետք է հորինել։ Բայց առայժմ վաղ է այդ մասին մտածելը․․․ | ||
+ | |||
+ | Երբ ավարտվում էր տասներորդ րոպեն, Լուորենսը վրիպեց։ Ամբողջ ժամանակ նա աշխատում էր երկու ձեռքով, և ահա, ինչքան ուժ ուներ հուպ տալով զննաձողի վերին ծայրը, չափից ավելի դուրս կռացավ փոշեսահնակից, ոտքերը հանկարծ պոկվեցին տեղից, և նա բերանքսիվայր ընկավ Ծովը։ | ||
+ | |||
+ | |||
+ | Երբ Պաթը դուրս եկավ օդասահանքի խցիկից, իսկույն նկատեց, որ տրամադրությունը փոխվել է։ Գիրքը դրել էին մի կողմ, ու սկիզբ էր առել տաք վիճաբանություն, որն ընդհատվեց նավապետի երևալուն պես։ Մի անհարմար լռություն տիրեց։ Որոշ ուղևորներ աչքի պոչով հետևում էին Հարրիսին, ոմանք էլ դիտմամբ չէին նկատում նրան։ | ||
+ | |||
+ | ― Կոմոդոր, ― ասաց Պաթը, ― ի՞նչ է պատահել։ | ||
+ | |||
+ | ― Ոմանք գտնում են, ― պատասխանեց Հանստենը, ― որ մենք այստեղից դուրս գալու համար ամեն ինչ չէ որ անում ենք։ Ես բացատրեցի, որ միայն մի ելք կա․ սպասել մինչև մեզ կգտնեն։ Բայց բոլորը չէ, որ համաձայն են ինձ հետ։ | ||
+ | |||
+ | Զարմանալի ոչինչ չկա, մտածեց Պաթը։ Ժամանակն անցնում է, փրկարարները չեն երևում՝ բնականաբար ջղերը չեն դիմանում։ Կսկսեն պահանջել, որպեսզի գործենք, ամեն կերպ գործենք, միայն թե ձեռքներս ծալած չնստենք։ Մարդ էակի համար նողկալի բան է մահվան դեմ֊հանդիման անգործության մատնվելը։ | ||
+ | |||
+ | ― Մենք արդեն քանիցս քննարկել ենք այդ, ― հոգնաբեկ ասաց նա։ ― Խորությունը տասը մետրից պակաս չէ։ Նույնիսկ եթե մենք կարողանանք դուրս գալ նավից, ոչ ոք ի վիճակի չի լինի հաղթահարելու փոշու դիմադրությունը և մակերես դուրս գալ։ | ||
+ | |||
+ | ― Դուք համոզվա՞ծ եք, ― հարցրեց ինչ֊որ մեկը։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն, ― պատասխանեց Պաթը։ ― Դուք երբևէ փորձե՞լ եք լող տալ ավազի մեջ։ Շատ չեք լողա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե մոտորները գործի գցե՞ք։ | ||
+ | |||
+ | ― Վախենում եմ, մեկ սանտիմետր անգամ չշարժվենք տեղից։ Բայց թեկուզ շարժվեինք՝ մենք առաջ կգնայինք, այլ ոչ թե դեպի վեր։ | ||
+ | |||
+ | ― Հարկավոր է բոլորին հավաքել նավի վերջնամասում, գուցե քիթը բարձրանա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ նավիրանի բեռնվածությո՞ւնը, ― առարկեց Պաթը։ ― Ասենք ես միացրեցի մոտորները՝ դա միևնույն է թե պոզահարես աղյուսե պատը։ Միայն աստծուն է հայտնի, թե ինչի կարող է դա հանգեցնել։ | ||
+ | |||
+ | ― Բայց չէ որ գոնե մի հույս կլինի։ Ինչո՞ւ չփորձել։ | ||
+ | |||
+ | Պաթը նայեց կոմոդորի կողմը, մի փոքր դժգոհությամբ, թե ինչու նա օգնության չի հասնում։ Հանստենը հանգիստ պատասխանեց նրա հայացքին, կարծես ասելով․ «Մինչև հիմա ես էի գլուխ քաշում, այժմ ձեր հերթն է»։ Ինչ արած, արդարացի է։ Սյուն ճիշտ էր։ Ժամանակն է կանգնել սեփական ոտքերի վրա, համենայն դեպս, ցույց տալ ուրիշներին, որ նա ի վիճակի է այդ անելու։ | ||
+ | |||
+ | ― Խիստ վտանգավոր է, ― վճռաբար ասաց նա։ ― Մենք հանգիստ կերպով կարող ենք առնվազն չորս օր էլ սպասել։ Բայց մեզ կգտնեն ավելի շուտ։ Ինչո՞ւ ռիսկի դիմել։ Եթե դա մեր վերջին հնարավորությունը լիներ՝ ես կասեի, այո։ | ||
+ | |||
+ | Պաթ Հարրիսը աչք ածեց շուրջը՝ թե ո՞վ կառարկի։ Ու ակամա հանդիպեց միսս Մոռլիի հայացքին։ Ասենք նա չէր էլ փորձում խուսափել դրանից։ Սակայն միսսի խոսքերը տհաճ էին նրա համար։ | ||
+ | |||
+ | ― Հավանական է, նավապետը ամենևին էլ չի շտապում վերև։ Նա ինչ֊որ վաղուց չէր երևում, միսս Ուիլքինզը նույնպես։ | ||
+ | |||
+ | «Այ դու, սատկածի մեկը, ― մտածեց Պաթը։ ― Միայն այն պատճառով, որ իրեն հարգող ոչ մի տղամարդ․․․» | ||
+ | |||
+ | ― Հանգիստ Հարրի՛ս, ― ժամանակին միջամտեց կոմոդորը։ ― Ես ինձ վրա եմ վերցնում այդ։ | ||
+ | |||
+ | Հանստենը, առաջին ամգամը լինելով, իսկականից դրսևորեց իր բնավորությունը։ Մինչ այդ պահը նա ամեն ինչ անում էր աննկատելի ու տակնհաց կամ թողնում էր անելու Պաթին։ Այժմ նրանք լսում էին հրամանատարի ձայնը, ու այն հնչում էր ինչպես շեփորը մարտադաշտում։ Խոսում էր ոչ թե պաշտոնաթող տիեզերագնացը, այլ տիեզերքի կոմոդորը։ | ||
+ | |||
+ | ― Միսս Մոռլի, ― ասաց նա, ― ձեր դիտողությունը անմիտ է և ոչ տեղին։ Ձեզ կարող է ներել միայն ծանր իրավիճակը, որի մեջ մենք բոլորս ընկել ենք։ Ինձ թվում է, դուք պետք է ներողություն խնդրեք նավապետից։ | ||
+ | |||
+ | ― Ես ճիշտ եմ, ― համառորեն առարկեց նա։ ― Թող նա ասի, որ դա այդպես չէ։ | ||
+ | |||
+ | Վերջին երեսուն տարվա մեջ կոմոդոր Հանստենը ոչ մի անգամ չէր դուրս եկել համբերությունից, չէր ուզում այդ բանն անել նաև այժմ։ Սակայն նա գիտեր, թե երբ է օգտակար զայրացած ձևանալ․ հիմա էլ չէր խանգարի այդպես վարվել։ Նա բարկանում էր միսս Մոռլիի վրա, դժգոհ էր և Պաթից՝ նա պարզապես անհարմար դրության մեջ էր դրել նրան։ Փաստը մնում է փաստ՝ Պաթն ու Սյուն իսկապես որ շատ երկար մլուլ տվեցին այդ հաշվառման վրա։ Երբեմն արտաքին պարկեշտությունը անմեղ վարվելակերպից պակաս կարևոր չէ։ Չինացիները իզուր չեն ասում․ «Եթե կոշկերիզակներդ քանդվել են, հարևանիդ բոստանում մի կապիր»։ | ||
+ | |||
+ | ― Թքած միսս Ուիլքինզի ու նավապետի փոխհարաբերությունների վրա, ― ամենաահարկու ձայնով, որին միայն ընդունակ էր, ասաց կոմոդորը։ ― Դա նրանց անձնական գործն է, բայց քանի դեռ նրանք ազնվությամբ կատարում են իրենց պարտականությունները, մենք իրավունք չունենք խառնվելու։ Միգուցե, դուք ուզում եք ասել, որ նավապետ Հարրիսը թերանո՞ւմ է իր պարտականություններում։ | ||
+ | |||
+ | ― Հըմ․․․ ես այդ չեմ ասել։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ ընդհանրապես չխոսել։ Առանց այն էլ քիչ չեն մեր դժվարությունները, նորերը ստեղծելու հարկ չկա։ | ||
+ | |||
+ | Մնացած ուղևորները նրանց վեճը լսում էին անհարմարության ու հետաքրքրության խառը զգացումով, ինչպես սովորաբար մարդկանց մեծ մասը լսում է ուրիշների գժտությունը։ Ինչևիցե, այս բախումը բոլորին էր վերաբերում, քանի որ առաջին մարտահրավերն էր հրամանատարի հեղինակությանը, առաջին նշանը այն բանի, որ կարգապահությունը խախտված է։ Մինչ այդ նրանց փոքրիկ ջոկատը մի ներդաշնակ միասնություն էր․ բայց ահա ինչ֊որ մեկը դեմ էր դուրս գալիս ցեղի ավագանուն։ | ||
+ | |||
+ | Բացի այն մոր միսս Մոռլին հին նևրաստենիկ էր, նա նաև հաստակող ու համառ էր։ Ու կոմոդորը հասկանալի շփոթմունքով նկատեց, որ նա պատրաստվում է հակահարված տալու։ | ||
+ | |||
+ | Բայց ոչ ոքի չհաջողվեց իմանալ, թե ինչ էր մտադիր պատասխանել միսս Մոռլին։ Այդ նույն վայրկյանին միսսիս Շաստերը մի այնպիսի ճիչ արձակեց, որի ուժգնությունը միանգամայն համապատասխանում էր նրա կազմվածքին։ | ||
+ | |||
+ | |||
+ | Լուսնի վրա, երբ մարդ սայթաքում է, նա սովորաբար հասցնում է մի որևէ բանի ձեռք գցել, չէ որ նրա նյարդերն ու մկանները նախատեսված են երկրային ձգողության համար, որը վեց անգամ գերազանցում է լուսնայինը։ Բայց գլխավոր ինժեներ Լոուրենսը կանգնած էր կռացած, ու տարածությունը շատ քիչ էր։ Նա սուզվեց լուսնափոշու մեջ ու հայտնվեց խավարում։ | ||
+ | |||
+ | Եթե չհաշվենք սկաֆանդրի ներսում եղած սարքերի թույլ ճառագայթումը, ոչինչ չէր երևում։ Զգուշությամբ, շատ զգուշորեն Լոուրենսը ձեռքերը սկսեց պարզել տարբեր կողմեր։ Փխրուն միջավայրը համարյա դիմադրություն ցույց չէր տալիս, բայց նա ապարդյուն փնտրում էր որևէ հենարան, դժվար էր գլխի ընկնել նույնիսկ, որն է վերը, որը՝ վարը։ | ||
+ | |||
+ | Հուսալքումը կաշկանդել էր Լոուրենսի ոտք ու ձեռքը։ Սիրտը բախում էր արագ ու անկանոն, նախազգալով այն խուճապային կացությունը, երբ մարդու բանականությունը դավաճանում է։ Գլխավոր ինժեները բազմիցս տեսել էր, թե ինչպես են մարդիկ վերածվում բղավող, սարսափով բռնված անասունի, ու գիտեր, որ ինքը նման դրության շեմին է։ | ||
+ | |||
+ | Նրա գլխում այն միտքը ծագեց, որ ընդամենը մի քանի րոպե առաջ նա խելագարության նոպայից փրկեց աստղագետին։ Բայց այժմ բախտի քմահաճույքի մասին մտածելու ժամանակը չէ։ Հարկավոր է ոգեկոչել մնացած կամքը՝ վերականգնել ինքնազսպումը, կարգավորել սրտի աշխատանքը, որն ասես ուզում է կուրծքը պատառոտել։ | ||
+ | |||
+ | Հանկարծ ինժեների սաղավարտի ներսում հստակ ու հուժկու հնչեց մի այնպիսի անսպասելի ձայն, որ խուճապի ալիքները դադարեցին նրա գիտակցության կղզյակին զարնվելուց։ Դա ծիծաղ էր, ու ծիծաղում էր Թոմ Լոուսոնը։ | ||
+ | |||
+ | Ծիծաղը անմիջապես ընդհատվեց, հաջորդեց ներողությունը։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, միստր Լոուրենս, առանց դիտումնավորության։ Շատ զվարճալի է նայել, թե ինչպես եք թափահարում ձեր ոտքերը։ | ||
+ | |||
+ | Գլխավոր ինժեները քարացավ։ Երկյուղը չքացավ, տեղի տալով զայրույթին։ Նա բարկանում էր Լոուսոնի վրա, բայց էլ ավելի շատ իր վրա։ | ||
+ | |||
+ | Չէ որ ակներև էր, նրան ոչ մի վտանգ չէր սպառնում․ օդով լի սկաֆանդրը նման է ջրում լողացող փուչիկի և չի կարող սուզվել։ Լոուրենսը անմիջապես հիշեց, թե ինչ պիտի անի։ Ոտքի ու ձեռքի մի քանի շարժում, ծանրության կենտրոնը տեղափոխվեց՝ ու սաղավարտը երևաց մակերևույթի վրա։ Ինժեները տեսավ, որ սուզվել է ամենաշատը տասը սանտիմետր։ Եվ փոշեսահնակն էլ կողքին է։ Նույնիսկ անհասկանալի է, թե ոնց չի դիպել նրան, երբ թպրտում էր ափ նետված ութոտանիկի պես։ | ||
+ | |||
+ | Արժանապատվությունը պահելու մտահոգությամբ, գլխավոր ինժեները բռնեց փոշեսահնակի կողքից ու մագլցելով բարձրացավ նրա վրա։ Խոսել դեռևս չէր համարձակվում, անսովոր վարժություններից նրա շունչը բոլորովին կտրվում էր, ու ձայնը կարող էր մատնել հենց նոր ապրած վախը։ Բացի այդ նա զայրացած էր։ Անցյալում, երբ գլխավորը մշտապես դրսում էր աշխատում, նման սխալ թույլ չէր տա։ Երկար է նստել գրասենյակում․․․ Վերջին անգամ նա սկաֆանդր էր հագել, երբ ամենամյա ստուգում էր անցկացվում, և այն էլ օդասահանքում։ | ||
+ | |||
+ | Փոշեսահնակ բարձրանալով, Լոուրեսը նորից զննաձողը ձեռքն առավ։ Աստիճանաբար անցան բարկությունն ու երկյուղի վերջին մնացուկները, և գլխավոր ինժեները մտածմունքի մեջ ընկավ։ Ուզում էր նա, թե չէր ուզում, այն ինչ տեղի էր ունեցել այս կես ժամվա ընթացքում, մի ինչ֊որ կապ էր ստեղծում իր ու Լոուսոնի միջև։ Ճիշտ է, աստղագետը ծիծաղում էր, երբ ինքը թպրտում էր փոշու մեջ, բայց երևի իսկապես ծիծաղելի տեսարան էր։ Եվ չէ որ Լոուսոնը ներողություն խնդրեց։ Իսկ վաղո՜ւց էր թվում, որ հավասարապես նա ընդունակ չէ ո՛չ ծիծաղելու, ո՛չ էլ ներողություն խնդրելու․․․ | ||
+ | |||
+ | Ու հանկարծ բոլոր կողմնակի մտքերը դուրս թռան Լոուրենսի գլխից․ տասնհինգ մետր խորության վրա զննաձողը ինչ֊որ կարծր բանի առավ։ | ||
+ | |||
+ | ==Գլուխ տասնչորսերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Երբ կոմոդորը լսեց միսսիս Շաստերի ճիչը, նա անմիջապես մտածեց․ «Տեր աստված, միայն այդ հիստերիկան էր պակասում»։ Իսկ կես վայրկյան հետո նա ինքը մեծագույն ջանքով ետ պահեց իրեն ճչալուց։ | ||
+ | |||
+ | Դրսից ինչ֊որ ձայն էր լսվում։ Երեք օր շարունակ նավից դուրս խշխշում էր փոշին, բայց ահա․․․ Դե, իհարկե, մետաղե ինչ֊որ բան քերում է նավիրանը։ | ||
+ | |||
+ | Քիչ անց խուցը թնդում էր ուրախ բացականչություններից։ Մեծ դժվարությամբ կոմոդոր Հանստենը կարողացավ ձայնակոխ անել ցնծացող ամբոխին։ | ||
+ | |||
+ | ― Նրանք մեզ գտել են, ― բղավեց նա։ ― Թեև հնարավոր է, իրենք այդ դեռևս չգիտեն։ Պետք է մի բան անել, օգնել նրանց։ Պաթ, փորձեք միացնել հաղորդիչը։ Իսկ մենք կազդանշանենք նավիրանին հարվածելով։ Հիշեցնում եմ կարգավորման ազդանշանը ըստ Մորզեի այբուբենի․ «Ժ» տառը՝ տի֊տի֊տի տա։ Բոլորս միասի՛ն։ | ||
+ | |||
+ | Սկզբում շատ անկանոն ստացվեց, բայց աստիճանաբար ռիթմը կանոնավորվեց։ | ||
+ | |||
+ | ― Կա՛ց, ― մի րոպե անց բղավեց Հանստենը։ ― Հիմա լսենք։ Ուշադրություն․․․ | ||
+ | |||
+ | ― Լռություն․․․ Հոգեմաշ, անախորժ լռություն։ Պաթը անջատեց օդափոխությունը, ու խցում լսվում էին միայն քսաներկու սրտերի զարկերը։ | ||
+ | |||
+ | Ոչինչ չէր խախտում լռությունը։ Միգուցե տարօրինակ ձայնի հարուցիչը հենց «Սելենի» նավիրանի ծանրաբեռնվածությո՞ւնն էր։ Կամ փրկարարները, ― եթե նրանք էին միայն, ― արդեն առա՞ջ անցան։ | ||
+ | |||
+ | Հանկարծ ինչ֊որ մեկը ճանկռեց դրսից։ Հանստենը ձեռքի շարժումով կանխեց խանդավառության նոր պոռթկումը։ | ||
+ | |||
+ | ― Լսեցե՛ք, խնդրում եմ։ Թերևս մի բան հասկանանք։ | ||
+ | |||
+ | Այդ ճանկռտոցը տևեց մի քանի վայրկյան։ Ու նորից տանջալից լռություն։ Ինչ֊որ մեկը մեղմ ասաց, խաղաղեցնելով լարված մթնոլորտը․ | ||
+ | |||
+ | ― Կարծես պողպատաճոպան են քարշ տալիս։ Գուցե նրանք, ուռկանո՞ւմ են մեզ։ | ||
+ | |||
+ | ― Բացառված է, ― պատասխանեց Պաթը։ ― Միջավայրի դիմադրությունը շատ մեծ է, հատկապես այսպիսի խորության վրա։ ― Ավելի շուտ դա զննաձող է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դա նշանակում է, ― միջամտեց կոմոդորը, ― որ փրկարարները շատ մոտ են, ճիշտ մեր գլխավերևում։ Նորից թակենք։ Ապա․․․ բոլորս միասին․․․ | ||
+ | |||
+ | «Տի֊տի֊տի֊տա՛» | ||
+ | |||
+ | «Տի֊տի֊տի֊տա՛» | ||
+ | |||
+ | «Սելենի կրկնակի նավիրանի միջով դրսի փոշաշերտին էին փոխանցվում այդ ձայները, որոնք հարյուր տարի առաջ թևածում էին օկուպացված Եվրոպայի եթերում՝ ճակատագրի թեման, որով սկսվում է Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիան։ | ||
+ | |||
+ | Պաթ Հարրիսը, վարորդի բազկաթոռին նստած, օգնություն էր կանչում։ | ||
+ | |||
+ | ― «Ես «Սելենն» եմ, ես «Սելենն» եմ։ Ինչպե՞ս եք լսում։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | Ու տասնհինգ անվերջ վայրկյան սպասելուց հետո, կրկնեց կանչը։ Բայց եթերը առաջվա նման անկենդան էր։ | ||
+ | |||
+ | |||
+ | «Աուրիգայի» վրա Մորիս Սպենսերը անհամբեր ժամացույցին էր նայում։ | ||
+ | |||
+ | ― Սատանան տանի, ― դուրս թռավ նրա բերանից։ ― Վաղուց արդեն փոշեսահնակների վերադառնալու ժամանակն է։ Վերջին անգամ ե՞րբ կապվեցիք նրանց հետ․․․ | ||
+ | |||
+ | ― Քսանհինգ րոպե առաջ, ― պատասխանեց ավագ ռադիստը։ ― Մինչև հաջորդ սեանսը հինգ րոպե կա, անկախ նրանից, գտել են որևէ բան թե ոչ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք չե՞ք կորցրել նրանց։ | ||
+ | |||
+ | ― Ձեր գործով զբաղվեք, ես մի կերպ գլուխ կհանեմ իմից, ― նրա խոսքը կտրեց ռադիստը։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, ― պատասխանեց Սպենսերը, որ վաղուց գիտեր, թե որ դեպքում պետք է անհապաղ ներողություն խնդրել։ ― Պարզապես հուզմունքից է։ | ||
+ | |||
+ | Նա տեղից վեր կացավ, որպեսզի մի քանի քայլ անի «Աուրիգայի» նեղ խցիկում։ Ուժգին կպավ սարքերի վահանակին (Սպենսերը դեռևս սովոր չէր լուսնային ձգողականությանը և արդեն սկսել էր կասկածել, թե երբևէ կընտելանա) ու վերջապես իրեն հավաքեց։ | ||
+ | |||
+ | Ավելի վատ բան չկա, քան անվերջ սպասելը, թե երբ «նյութ» կլինի հոդվածի համար․․․ Ինչքան փող է արդեն ծախսվել, ― իսկ դրանք դեռ դատարկ բան են այն ծախսերի համեմատ, որոնք կսկսվեն նավապետ Անսոնին թռչելու հրաման տալուն պես։ Ճիշտ է, այն ժամանակ հուզմունքը տեղի կտա, իսկ «Ինթերփլանիթարիի» առաջնությունը կապահովվի։ | ||
+ | |||
+ | ― Կանչում են, ― հանկարծ նա լսեց ռադիստի ձայնը։ ― Մինչև սեանսի սկիզբը երկու րոպե կա դեռևս։ Ինչ֊որ բան է պատահել։ | ||
+ | |||
+ | |||
+ | ― Ես մի բան շոշափեցի, ― զատ֊զատ արտասանեց Լոուրենսը։ ― Բայց չգիտեմ ինչ էր։ | ||
+ | |||
+ | ― Ինչպիսի՞ խորության վրա է, ― միաժամանակ հարցրեցին Լոուսոնն ու երկու վարորդները։ | ||
+ | |||
+ | ― Մոտ տասնհինգ մետրի։ Մի երկու մետր աջ գնանք, մի անգամ ևս փորձեմ։ | ||
+ | |||
+ | Նա զննաձողը հանեց ու խորասուզեց փոշու մեջ նոր տեղում։ | ||
+ | |||
+ | ― Նորից, ― հաղորդեց Լոուրենսը, ― ու միևնույն խորության վրա։ Երկու մետր ևս․․․ | ||
+ | |||
+ | Խոչընդոտը չքացավ։ Թե՞ ավելի խորը գնաց, որ զննաձողը չհասավ։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ ոչինչ չկա։ Փորձենք այլ ուղղությամբ։ | ||
+ | |||
+ | Քիչ ժամանակ ու ջանք չպահանջվեց խորքում թաքնված առարկայի ուրվագիծը որոշելու համար։ Մոտավորապես նույնպիսի քրտնաջան աշխատանք էին կատարում նրանք, ովքեր երկու հարյուր տարի առաջ սկսեցին չափել օվկիանոսները․ ճոպաններով բեռն իջեցնում էին հատակը, ապա բարձրացնում․․․ «Ափսո՜ս, ― մտածեց Լոուրենսը, ― որ ձայնախորաչափ չունենք»։ Ու հազիվ թե ձայնային կամ էլեկտրա֊մագնիսական ալիքները այստեղ հինգ մետրից ավելի խոր թափանցեն։ | ||
+ | |||
+ | Ինչ ապուշն է ինքը, ինչպես մտքովը չէ՛ր անցել։ Ահա թե ինչու են կորել «Սելենի» ռադիոազդանշանները։ Այն միջավայրը, որ կուլ է տվել նրան, կուլ է տալիս նաև ռադիոալիքները։ Թեև, եթե իրենց ոտքերի տակ փոշեգնացն է․․․ | ||
+ | |||
+ | Լոուրենսը ընդունիչը փոխադրեց վթարային ալիքի վրա։ Ահա նա, ավտոմատի ձայնը, աղաղակում է, ինչքան ուժ ունի։ Եվ այնքան ուժգին, որ անհասկանալի է, թե ինչու նրան չեն լսում «Լագրանժի» վրա ու Պորտ֊Ռորիսում․․․ Ասենք ամեն ինչ պարզ է, չէ որ օգնեց մետաղե զննաձողը։ Դիպչելով «Սելենի» զրահին, նա մի տեսակ անտենա դարձավ անմիջապես ու իմպուլնսերը մակերես հանեց։ | ||
+ | |||
+ | Ամբողջ տասնհինգ վայրկյան գլխավոր ինժեները լսում էր փարոսի կանչը, մինչև որ սիրտ առավ հաջորդ քայլն անելու։ Սկզբից ևեթ Լոուրենսը վստահ չէր, որ որոնումները արդյունք կտան։ Հիմա էլ նա վախենում էր, չլինի թե հանկարծ իրենց ջանքերը ապարդյուն անցնեն։ Չէ, որ ոչինչ հայտնի չէ դեռևս․ ավտոմատը ազդանշաններ կարող է ուղարկել նույնիսկ շաբաթներ շարունակ, երբ մարդիկ «Սելենում» վաղուց մեռած լինեն։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը կտրուկ, վճռական շարժումով ընդունիչը փոխադրեց փոշեգնացի սովորական ալիքի վրա․․․ Ու գրեթե խլացավ Պաթ Հարրիսի ձայնից։ | ||
+ | |||
+ | ― Ես «Սելենն » եմ, ես «Սելենն» եմ։ Ինչպե՞ս եք լսում։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | ― Ես «Փոշեսահնակ Մեկն» եմ, ― պատասխանեց նա։ ― Խոսում է Ըրթսայդի գլխավոր ինժեները։ Ես ձեզնից տանսհինգ մետրի վրա եմ, վերևում։ Ինչպե՞ս եք։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | Ցնծացող ամբոխի վայնասունի մեջ նա չկարողացավ լսել պատասխանը։ Բայց առանց այդ էլ ակնհայտ էր, որ ուղևորները կենդանի են ու տրամադրությունները լավ։ Այնպես էին աղմկում, կարծես տոնական սեղանի շուրջը լինեին։ Մտածում են, քանի որ իրենց գտան, ուրեմն անախորժությունները ետևում մնացին․․․ | ||
+ | |||
+ | Լավ, թող ցնծան, միևնույն է առայժմ պետք է զեկուցել Խարսխակայանին։ | ||
+ | |||
+ | ― Պորտ֊Ռորիս, ես «Փոշեսահնակ Մեկն» եմ, ― ասաց գլխավորը։ ― Մենք գտել ենք «Սելենն» ու ռադիոկապ հաստատել նրա հետ։ Դատելով նավում տիրող աշխուժությունից, բոլորը ողջ և առողջ են։ Նավը տասնհինգ մետր խորության վրա է, այնտեղ որտեղ նշել էր դոկտոր Լոուսոնը։ Հինգ րոպե հետո կկապվեմ ձեզ հետ։ Այսքանը։ | ||
+ | |||
+ | Ուրախության ու թեթևացման ալիքները լույսի արագությամբ կտարածվեն ամբողջ Լուսնով, Երկրով ու մոտակա մոլորակներով մեկ, բարի լուրը հասցնելով միլիոնավոր մարդկանց․․․ Փողոցներում ու շարժվող մայթերի վրա, ավտոբուսներում ու տիեզերանավերում անծանոթ մարդիկ միմյանց կհարցնեն․ | ||
+ | |||
+ | ― Դուք լսեցի՞ք, «Սելենը» գտել ե՛ն։ | ||
+ | |||
+ | Այդ պահին ամբողջ արեգակնային համակարգությունում, հավանաբար, միայն մի մարդ չէր կարողանում ուրախանալ ամբողջ հոգով։ Նստած փոշեսահնակում ու լսելով ռադիոյի բերած երջանիկ գոռում֊գոչումները, նայելով փոշե անսահմանությանը, գլխավոր ինժեներ Լոուրենսը շատ ավելի անօգնական էր զգում իրեն, քան նրա տակ Ծովի անհունում թաղված մարդիկ։ Նա սկսեց սարսափել։ Նա գիտեր, որ իրեն սպասում է դժվարագույն ճակատամարտ հանուն մարդկանց կյանքի։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասնհինգերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Վերջին քսանչորս ժամվա մեջ առաջին անգամ Մորիս Սպենսերը կարողացավ շունչ քաշել։ Ինչ որ հնարավոր էր անել՝ արվեց։ Մարդիկ ու ապարատուրան արդեն Պորտ֊Ռորիսի ճանապարհին են։ (Շատ լավ էր, որ Ժյուլ Բրակը Կլավիում էր, նա լավ հեռուստառեպորտյոր էր, նրանք մի ժամանակ հաճախ էին համագործակցում)։ Նավապետ Անսոնը գործի է դրել հաշվիչ մեքենան ու մտահոգ զննում է Անմատչելիության լեռների ուրվագիծը։ Անձնակազմին (բոլոր վեցին) կանչել են բարերից (որոնք երեքն են) ու հայտնել, որ երթուղին նորից փոխվել է։ Երկրի վրա կնքվել են տասնյակ պայմանագրեր, բոլորն էլ խոշոր գումարներով ու հաղորդվել տելեֆաքսով։ «Ինտերփլանիդ Նյուսի» ֆինանսական կախարդները գիտական ճշգրտությամբ կհաշվեն, թե ինչքան պետք է պահանջել մյուս գործակալություններից՝ առանց երկյուղելու, որ նրանք կգերադասեն ուղարկել իրենց հրթիռները։ Ասենք վախենալու հարկ էլ չկա, նա շատ է առաջ ընկել բոլորից։ Մրցակիցը կարող է լեռը հասնել քառասունութ ժամից ոչ շուտ․ Մորիս Սպենսերը այնտեղ կլինի վեց ժամ հետո։ | ||
+ | |||
+ | Մի խոսքով, հանգստանալը հաճելի է, երբ հաստատ գիտես, որ ամեն ինչ կարգին է ու խանգարումներ չեն սպասվում։ Նման ընդմիջումները մի առանձին հրապույր էին տալիս կյանքին, և Սպենսերը կարողանում էր օգտագործել դրանք։ Լավագույն դարմանը ստամոքսի խոցի դեմ, որ դեռևս մնում էր մամուլի և հեռուստատեսության աշխատողների պրոֆեսիոնալ հիվանդությունը։ | ||
+ | |||
+ | Նա միշտ աչքի էր ընկնում շունչ քաշելու համար ժամանակ շահելու իր ունակությամբ։ Մորիս Սպենսերը՝ մի ձեռում ըմպանակը, մյուսում բուտերբրոդը, թիկն էր տվել բազմոցին, Տիեզերակայանի շրջահայման դահլիճում։ Կրկնակի պատուհանից նա տեսնում էր պիրսը, որտեղից երեք օր առաջ մեկնել էր «Սելենը»։ (Ոչ մի կերպ չես կարողանում ազատվել այդ ծովային տերմիններից, թեև նրանք այստեղ կարծես ամենևին տեղին չեն)։ Ընդամենը քսան մետրանոց մի բետոնուղի, որ մտնում է այդ զզվելի լուսնափոշու մեջ․․․ Գրեթե նույնքան ձգվել է հսկայական ճկուն հարմոնանման խողովակը, որի միջով ուղևորները նավահանգստից մտնում էին փոշեգնացը։ Հիմա այն խցանված չէ ու մասամբ նստել է։ Տխուր տեսարան է։ | ||
+ | |||
+ | Լրագրողը նայեց ժամացույցին, ապա՝ հորիզոնին։ Զարմանալի է։ Եթե չիմանաս, կարելի է կարծել, որ մինչև հորիզոն առնվազն հարյուր կիլոմետր է։ Իրականում՝ ընդամենը երկու֊երեք։ Հանկարծ նա նկատեց արևաշողք։ Գալիս են՝ գալիս են այստեղ։ Հինգ րոպե հետո փրկարարները այստեղ կլինեն, հինգ րոպե անց դուրս կգան օդասահանքի խցիկից․ նա ըստ երևույթին կհասցնի վերջին բուտերբրոդի հախից գալ։ | ||
+ | |||
+ | ․․․ Պատասխանելով Սպենսերի բարևին, Թոմ Լոուսոնը բոլորովին ցույց չտվեց, որ ճանաչեց նրան։ Բայց դա միանգամայն բնական էր․ չէ որ նրանց առաջին կարճատև զրույցը տեղի է ունեցել գրեթե լրիվ մթության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Դոկտոր Լոուսո՞ն։ Ես «Ինտերփլանիդ Նյուսի» բաժնի վարիչն եմ։ Կարելի՞ է միացնել ձայնագրումը։ | ||
+ | |||
+ | ― Մի րոպե, ― միջամտեց Լոուրենսը։ ― Ես ճանաչում եմ «Ինտերփլանիդի» ներկայացուցչին։ Դուք Ջո Լեոնարդը չեք․․․ | ||
+ | |||
+ | ― Շատ ճիշտ է, ես Մորիս Սպենսերն եմ։ Ջոյից գործերը անցյալ շաբաթ եմ ընդունել։ Նրան ետ կանչեցին Երկիր, թե չէ բոլորովին կխորթանար երկրի ձգողականությանը։ Հո չէր կարող խրվել ու մնալ այստեղ ամբողջ կյանքում։ | ||
+ | |||
+ | ― Արագ եք տեղ հասել։ Մի ժամ էլ չի անցել, ինչ մենք հաղորդել ենք, որ «Սելենը» գտնվել է։ | ||
+ | |||
+ | Սպենսերը չպատասխանեց դրան․ ինչո՞ւ ընդգծել, որ նա արդեն մի քանի ժամ է այստեղ է։ | ||
+ | |||
+ | ― Է, ինչպես, կարելի՞ է միացնել ձայնագրումը, ― քաղաքավարի կրկնեց նա։ | ||
+ | |||
+ | Մորիս Սպենսերը սիրում էր պահպանել կանոնները։ Որոշ ռեպորտյորներ ռիսկի են դիմում ու գործի են գցում մագնիտոֆոնը, չսպասելով թույլտվության։ Եթե բռնացնեն քեզ դրա վրա, առանց աշխատանքի կմնաս․․․ Որպես բաժնի վարիչ նա պարզապես պարտավոր է հետևել կարգուկանոնին, որը միայն օգտակար է և՛ լրագրողներին, և՝ հասարակությանը։ | ||
+ | |||
+ | ― Ավելի ուշ, եթե չեք առարկում, ― պատասխանեց Լոուրենսը։ ― Ես շատ ու շատ անհետաձգելի գործեր ունեմ։ Իսկ դոկտոր Լոուսոնը հաճույքով կխոսի ձեզ հետ։ Հիմնական գործը նա է արել, նրանն է նաև ամբողջ փառքը։ Այդպես էլ կարող եք ձայնագրել։ | ||
+ | |||
+ | ― Հըմ․․․ շնորհակալ եմ․․․ ― փնթփնթաց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Չարժի, ― ասաց Լոուրենսը։ ― Իսկ այժմ ցտեսություն, դեռ կտեսնվենք։ Ես ավագ ինժեների աշխատասենյակում կլինեմ։ Հաբերը կօգնեն ինձ ոտքի վրա մնալու, իսկ ձեզ, այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս թեկուզ մի քիչ քնել։ | ||
+ | |||
+ | ― Հարցազրույցից հետո, ― վրա եկավ Սպենսերը և Թոմին պարզապես քարշ տվեց դեպի հյուրանոցի շենքը։ | ||
+ | |||
+ | Առաջին մարդը, որին նա հանդիպեց նեղլիկ (տասը քառակուսի մետր) սրահում, նավապետ Անսոնն էր։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ եմ փնտրում, միստր Սպենսեր, ― ասաց նա։ ― Տիեզերական աշխատողների արհմիությունը դիմադրում է։ Լսել եք, հավանաբար, միջընթացային հանգստի կանոնների մասին․․․ Ուրեմն, այսպես․․․ | ||
+ | |||
+ | ― Աղաչում եմ ձեզ, նավապետ, հետո։ Ինքներդ կապվեք «Ինտերփլանիթի» իրավախորհրդատուների հետ։ Կապվեք Կլավի 12―34, Հարրի Դանցիգի հետ՝ նա ամեն ինչ կարգի կգցի։ | ||
+ | |||
+ | Լրագրողը հնազանդ Թոմ Լոուսոնին տարավ աստիճաններով վեր (հյուրանոցը առանց վերելակի էր՝ անսովոր երևույթ, բայց վերելակները պիտանի չեն այն աշխարհում, որտեղ մարդը տասը կիլոգրամից քիչ ավել է կշռում) ու առաջնորդեց իր համարը, որը նման էր Երկրի ուզածդ էժանագին հյուրանոցի համարին, միայն ավելի փոքր ու բոլորովին առանց պատուհանի։ Բազկաթոռները, բազմոցն ու սեղանը հասարակ են ու պատրաստված նյութի նվազագույն ծախսումով, և հիմնականում ապակեթելից․ Լուսնի վրա կվարցի պակասություն չկար։ Լողարանը սովորական է, (փա՜ռք աստծո, ոչ թե ինչպես հրթիռներում եղած անկշռելիությանը հարմարեցված զուգարանները), և միայն մահճակալի տեսքն էր մի փոքր վհատեցնում։ Որոշ երկրային հյուրերի համար, որոնք վատ էին քնում փոքր ձգողականության պայմաններում, ունեին ճկուն վերմակներ, որոնց ծայրերը ամրացված էին թույլ զսպանակներով։ Ակամա հիշում ես զսպաշապիկներն ու փափուկ պաստառած պատերը․․․ | ||
+ | |||
+ | Մի սիրալիր մանրամսնություն ևս՝ դռան մոտ փակցված էր հայտարարություն երեք լեզվով՝ անգլերեն, ռուսերեն ու չինարեն․ | ||
+ | |||
+ | |||
+ | :::<b>Հյուրանոցն ունի ավտոմատ հերմետիկություն | ||
+ | :::Գմբեթի վթարանցքը ոչնչով չի սպառնում ձեզ | ||
+ | :::Վթարի դեպքում խնդրում ենք մնալ համարում և | ||
+ | :::սպասել ցուցմունքների։ Շնորհակալություն։</b> | ||
+ | |||
+ | |||
+ | Սպենսերը առաջին անգամը չէր կարդում այդ տողերը և, այնուամենայնիվ, շարունակում էր գտնել, որ նույնիսկ այդքան կարևոր ինֆորմացիան կարելի էր հրամցնել ավելի դյուրամարս ու անբռնադատ ձևով։ Ախր շա՜տ չոր է գրված․․․ | ||
+ | |||
+ | Թերևս դա որոշ իմաստ ուներ այստեղ, Լուսնի վրա։ Պայքարը տեղի բնության դեմ պահանջում էր այնպիսի ջանքեր, որ մանրամասների համար եռանդ չի մնում։ Առանձնապես աչքի էր զարնում տեխնիկական ծառայության հիանալի աշխատանքի ու մնացած հարցերում մի տեսակ անհոգի, նույնիսկ անփույթ մոտեցման միջև եղած ամհամապատասխանությունը։ Հեռախոսի, ջրմուղի, օդային ցանցի (հատկապես օդային) ամենափոքր իսկ անսարքությունը վայրկենապես շտկվում էր։ Բայց փորձեք հասնել այն բանին, որպեսզի ռեստորանում կամ բարում ձեզ արագ սպասարկեն․․․ | ||
+ | |||
+ | ― Ես գիտեմ, դուք հոգնած եք, ― սկսեց Սպենսերը։ ― Բայց, այնուամենայնիվ, թույլ տվեք մի քանի հարց տալ ձեզ։ Ես մագնիտոֆոնը կմիացնեմ, չե՞ք առարկում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ― պատասխանեց Թոմը․ նրա համար վաղուց արդեն մինևնույն էր ամեն ինչ։ | ||
+ | |||
+ | Ընկնելով բազկաթոռին, նա ինքնաբերաբար, ակներկաբար համը չզգալով, գլուխը քաշեց այն ըմպելիքը, որ նրան լցրեց Սպենսերը։ | ||
+ | |||
+ | ― Խոսում է Մորիս Սպենսերը, «Ինտերփլանիթ Նյուսի» թղթակիցը, ես զրուցում եմ Թոմ Լոուսոնի հետ։ Դոկոտոր, առայժմ սոսկ հայտնի է, որ դուք և միստր Լոուրենսը, Ըրթսայդի գլխավոր ինժեները, գտել եք «Սելենը», և բոլոր ուղևորները ողջ և առողջ են։ Չէիք կարոց, արդյոք, առանց տեխնիկական մանրամասների մեջ մտնելու, մեզ պատմել, թե․․․ ա՛հ, սատանան տանի․․․ | ||
+ | |||
+ | Նա որսաց դանդաց վայր ընկնող բաժակը՝ ոչ մի կաթիլ չթափելով, ապա քնած աստղագետին տեղափոխեց բազմոցին։ Ինչ արած, տրտնջալու հարկ չկա․ առայժմ սա առաջին վրիպումն էր իր ծրագրում։ Նույնիսկ անհաջողությունը դեռևս կարող է դառնալ հաջողություն։ Ոչ ոք չի կարող գտնել Լոուսոնին՝ էլ չենք ասում հարցազրույց ունենալ նրա հետ, քանի դեռ քնած է Սպենսերի սենյակում, որը «Պորտ֊Ռորիս» օթելում, ոչ առանց կատակի, լյուքս է համարվում։ | ||
+ | |||
+ | |||
+ | Կլավիում «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետին հաջողվեց վերջապես համոզել բոլորին, որ ինքը ամենևին էլ չի հովանավորում որևէ մեկին։ Լսելով, որ «Սելենը» գտնվել է, Դևիսը թեթևացած շունչ քաշեց, բայց նրա ուրախությունը անմիջապես խամրեց, հենց որ «Ռեյտերը», «Թայմ֊Կոսմոսը», «Եռամոլորակային նորություններն» ու «Լունար Նյուսը» նրան հարցակոխ արին՝ թե ինչպե՞ս է պատահել, որ «Ինտերփլաիթը» առաջինն է ինֆորմացիա տվել։ Հեռատեսաբար բռնելով փոշեսահնակների խոսակցությունը, Մորիս Սպենսերը հասցրեց նորությունը գործակալություն հաղորդել ավելի շուտ, քան այն ստացվեց լուսնային ադմինիստրացիայում։ | ||
+ | |||
+ | Սակայն, երբ ամեն ինչ վերջապես պարզվեց, մրցակիցները նույնպես հիացան այդ բախտավոր Սպենսերի ճարպկությամբ։ Իսկ նա դեռ իր բոլոր հաղթաթղթերը չէր բացել․․․ | ||
+ | |||
+ | Կլավիի կապի հանգույցը մինչ այդ նույնպես դրամատիկական իրադարձությունների կենտրոնում էր, բայց ահա այդ ամեն ինչ գերազանցեց։ «Միևնույն է, թե ձայներ լսես անդրշիրիմյան աշխարհից», ― ինքն իրեն ասաց Դևիսը։ Դեռ քիչ առաջ այդ մարդկանց մեռած էին համարում, ― բայց ահա խնդրեմ, ողջ ու առողջ մեկը մյուսի հետևից մոտենում են միկրոֆոնին այնտեղ, գետնի տակ, որպեսզի հանգստացնեն իրենց հարազատներին ու մերձավորներին։ Զննաձողի շնորհիվ, որը միաժամանակ և՛ օրիենտիր էր, և՛ անտենա, լուսնափոշու տասնհինգ մետրանոց շերտն այլևս փոշեգնացը չէր մեկուսացնում ամբողջ մարդկություից։ | ||
+ | |||
+ | Որքան էլ ռեպորտյորները տաքանում էին, պետք էր սպասել «Սելենից» դուրս եկող ուղերձների հեղեղի ընդհատվելուն, որպեսզի ինտերվյու վերցնեին։ Հիմա միսս Ուիլքինզն էր խոսում, նա թելադրում էր ուղևորների ռադիոգրերը։ Դևիսը լավ էր պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում փոշեգնացի մեջ։ Բոլորը շտապ֊շտապ հեռագրի ոճով գրոտում են գրքից պոկված թերթիկները, աշխատելով առավելագույն տեղեկություններ տալ նվազագույն բառերով։ Իհարկե, այդ նյութերը չի կարելի ոչ հրապարակել, ոչ էլ մեջ բերել, դրանք մասնավոր ուղերձներ են, և երեք մոլորակների փոստատների մեծավորները համատեղ ջանքերով իրենց զայրույթը կթափեն այն անզգույշ ռեպորտյորի գլխին, որը կհամարձակվեր խախտել արգելքը։ Ճիշտն ասած, լրագրողներին ընդհանրապես չի կարելի լսել այդ ալիքով, ու հանգույցի պետը արդեն քսաներորդ անգամ խստորեն նախազգուշացնում է նրանց։ | ||
+ | |||
+ | ― ․․․ Մարթային, Յանին ու Այվին ասա, որ չանհանգստանան ինձ համար, շուտով ես տանը կլինեմ։ Թոմից տեղեկացիր, թե ինչով վերջացավ բանակցությունները Էրիկսոնի հետ, ու հայտնիր ինձ հաջորդ սեանսի ժամանակ։ Համբուրում եմ բոլորիդ։ Ջորջ։ Վերջ։ Գրեցի՞ք։ «Ես «Սելենն» եմ։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | Լուսնի Կենտրոնականը կանչում է «Սելենին»։ Այո, մենք բոլորը գրեցինք, ձեր ռադիոգրերը կուղարկենք ու պատասխանները կհայտնենք ստանալուն պես։ Իսկ այժմ, խնդրեմ, միկրոֆոնի մոտ հրավիրեք նավապետ Հարրիսին։ Ընդունո՛ւմ եմ։ | ||
+ | |||
+ | Հաջորդեց մի փոքր ընդմիջում, փակված խցում լսվեցին դղրդալի ձայներ, բազկաթոռի ճռճռոց, մի խուլ «ներեցեք», և վերջապես․ | ||
+ | |||
+ | ― Նավապետ Հարրիսը կանչում է կենտրոնականը։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | Դևիսը ձեռքն առավ միկրոֆոնը։ | ||
+ | |||
+ | ― Նավապետ Հարրիս, խոսում է «Լուսնաշրջիկի» պետը։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ շտապում եք ուղարկել ձեր հեռագրերը, բայց այստեղ են գտնվում գործակալությունների ներկայացուցիչները, նրանք շտապում են զրուցել ձեզ հետ, թեկուզ մի քանի խոսք փոխանակել։ Նախ և առաջ, չէ՞իք կարող դուք համառոտակի նկարագրել, թե ինչպիսին է իրադրությունն այժմ խցում։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | ― Դե, ինչ ասեմ ձեզ․․․ Այստեղ շատ շոգ է, այնպես որ մենք թեթև ենք հագած։ Բայց բողոքելու տեղ չունենք, չէ որ այդ շոգի շնորհիվ դուք գտաք մեզ։ Ասենք արդեն ընտելացել ենք նրան։ Օդը դեռ չի ապականվել, ջուր ու պարեն ունենք․ ճիշտ է կերակուրը, ինչպես ասեմ, փոքր֊ինչ միօրինակ է։ Է՛լ ինչ կցանկանայիք իմանալ։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | ― Նրան հարցրեք ուղևորների տրամադրության մասին․․․ ինչպե՞ս են պահում իրենց․․․ Տեղի չե՞ն տալիս․․․ ― լսվեց «Եռամոլորակային նորությունների» ներկայացուցչի ձայնը։ | ||
+ | |||
+ | «Լուսնաշրջիկի» պետը հաղորդեց նրա հարցերը, ավելի վայելուչ ձև տալով նրանց։ Այնուամենայնիվ, դրանք նկատելի իրարանցում առաջ բերին «Սելենի» վրա։ | ||
+ | |||
+ | ― Բոլորն էլ արիաբար են պահում իրենց, ― պատասխանեց Պաթը՝ փոքր֊ինչ շտապելով։ ― Իհարկե, մեզ հուզում է այդ հարցը, թե ինչքա՞ն ժամանակ կպահանջվի մեզ այստեղից հանելու համար։ Կարո՞ղ եք որևէ բան ասել։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | ― Գլխավոր ինժեներ Լոուրենսը այժմ Պորտ֊Ռորիսում է, մշակում է փրկարար գործողությունների պլան, ― պատասխանեց Դևիսը։ ― Հենց որ պլանը պատրաստ լինի, ժամկետը ձեզ կհայտնենք։ Պատմեցեք, խնդրեմ, ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | Պաթը պատասխանեց այդ հարցին, ու նրա պատասխանը չհապաղեց բոլոր մոլորոկների վրա մեծ պահանջարկ առաջ բերել «Շեյնի» նկատմամբ, և ավա՜ղ, նկատելիորեն գցել «Նարինջ ու խնձորի» վարկը։ Այնուհետև նավապետը պատմեց դատական նիստերի մասին, որոնք առայժմ ընդհատվել են անորոշ ժամանակով։ | ||
+ | |||
+ | ― Դա շատ զվարճալի պետք է լինի, ― ասաց Դևիսը։ ― Բայց հիմա դուք մենակ չեք, մենք էլ կարող ենք օժանդակել ձեզ։ Մենք ձեզ համար կհաղորդենք ամեն ինչ՝ երաժշտություն, պիեսներ, բանավեճեր։ Միայն թե պատվիրեք։ Ընդունում եմ։ | ||
+ | |||
+ | Պաթը ուշացրեց պատասխանը։ Ռադիոկապը կերպարանափոխեց իրենց կյանքը՝ հույս ծագեց, կապ է հաստատվել մերձավորների հետ։ Սակայն չգիտես ինչու նա նույնիսկ ափսոսում էր, որ առանձնացումը վերջ գտավ։ Ընկերականության զգացումը, որը չկարողացավ վիժեցնել նույնիսկ միսս Մոռլիի հարձակումը, արդեն սկսել էր չքանալ։ Այլևս չկա գոյության կռվում համախմբված միակուռ ջոկատը։ Նորից յուրաքանչյուրին տիրապետում են սեփական հոգսերն ու մտքերը։ Մարդկությունը վերստին կլանեց նրանց, ինչպես օվկիանոսը՝ կաթիլը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասնվեցերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Գլխավոր ինժեներ Լոուրենսը գտնում էր, որ հանձնաժողովներից ու կոմիտեներից բան չի դուրս գա։ Նրա տեսակետը լայնորեն հայտնի էր Լուսնի վրա, որովհետև Վերահսկիչ կոմիտեի լիազորների հերթական հավաքից հետո (նրանք այցելում էին տարեկան երկու անգամ) գլխավորի աշխատանքային սեղանի վրա հայտնվեց այսպիսի բովանդակությամբ մի թուղթ․ | ||
+ | |||
+ | «Կոմիտե՝ մի տեղ, ուր ԿՈթում են, | ||
+ | :::::Միտինգ են անում, | ||
+ | :::::ՏԵղում դոփում են»։ | ||
+ | |||
+ | Բայց այդ կոմիտեն կարելի էր հանդուրժել․ նա համապատասխանում էր գլխավոր ինժեների մանրախնդիր պահանջկոտությանը։ Նախագահը ինքը Լոուրենսն էր․ արձանագրություններ, քարտուղարներ ու օրակարգեր չկային։ Եվ նա կարող էր սեփական ցանկությամբ մերժել կամ ընդունել կոմիտեի հանձնարարականները։ Լոուրենսը գլխովին պատասխանատու էր փրկարար գործողությունների համար, քանի դեռ գլխավոր ադմինիստրատորը հարկ չէր համարել նրան փոխարինել ուրիշով, ― իսկ այդ բանը կարող էր տեղի ունենալ միայն Երկրի շատ ուժեղ ճնշման տակ։ Կոմիտեն մտքեր հարուցողի ու տեխնիկական տեղեկատուի դեր էր խաղում․ նա, Լոուրենսի, այսպես ասած, «մտավոր տրեստն» էր։ | ||
+ | |||
+ | Կոմիտեի տասներկու անդամներից Պորտ֊Ռորիսում ֆիզիկապես ներկա էին ընդամենը վեցը, մյուսները գտնվում էին Լուսնի, Երկրի ու տիեզերքի տարբեր կետերում։ Գետնաբանը, որ Երկրի վրա էր, աննպաստ պայմաններում էր գտնվում՝ չէ որ ռադիոալիքների արագությունը սահմանափակ է, այդ պատճառով էլ նրան վիճակված էր նիստերի մյուս մասնակիցներից միշտ ետ մնալ մեկուկես վայրկյանով․ դեռ մի այդքան էլ պահանջվում էր, որպեսզի նրա խոսքերը հասնեին Լուսին։ Ու գետնաբանին խնդրել էին, որպեսզի նա նշումներ անի թղթի վրա, միջամտի միայն ծայրահեղ դեպքերում, մեկնաբանումները պահի մինչև խորհրդակցության վերջը։ Լուսնի հետ սելեկտորային կապը թանկ էր նստում, ու շատերը արդեն կարողացել էին համոզվել, որ երեք վայրկյանի հապաղումը զսպում է նույնիսկ ամենաթունոտ վեճասերին։ | ||
+ | |||
+ | ― Նրանց համար, ովքեր գործից տեղյակ չեն, ― «ներկաբացական» ավարտելուն պես սկսեց Լոուրենսը, ― կարճառոտ կնկարագրեմ իրողությունը։ «Սելենը» պառկած է հորիզոնական դիրքով, խորությունը տասնհինգ մետր է։ Նավը վնասված չէ, բոլոր ագրեգատները գործում են, քսաներկու «բանտարկյալների» տրամադրությունը լավ է։ Թթվածնի պաշարը կբավականացնի դեռևս իննսուն ժամ՝ խնդրում եմ լավ հիշեք այդ ժամկետը։ Եթե մեկն ու մեկը չգիտի, թե ինչ տեսք ունի «Սելենը», նայեցեք այս տիպարին, որը իսկականի մեկ քսաներորդ մեծությունն ունի։ ― Նա սեղանից վերցրեց տիպարը ու մոտեցրեց հեռուստախցիկի օբյեկտիվին՝ սկզբում մեկ, ապա մյուս կողմով։ ― Նա հիշեցնում է ավտոբուս կամ, եթե կուզեք, ոչ մեծ սավառնակ։ Դրանից նա տարբերվում է միայն քարշային մեխանիզմի կառուցվածքով, որը գործի է դնում փոփոխական արագություն ունեցող ահա այս լայնաթիակ պտուտակները։ Մեր հիմնական թշնամին, բնականաբար, լուսնային փոշին է։ Ով անձամբ չի տեսել այն, չի կարող պատկերացնել, թե ինչ բան է այդ։ Ավազի կամ Երկրի վրա հայտնի այլ նյութերի հետ համեմատելը հաջող չի լինի, նա ավելի շուտ հիշեցնում է հեղուկ։ Ահա նմուշը։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը ձեռքը վերցրեց երկար գլանը, որը մեկ երրորդի չափ լցված էր այդ գորշ փոշով։ Նա գլանը շուռ տվեց հատակը դեպի վեր, ու փոշին ցած հոսեց։ Այն հոսում էր ավելի արագ, քան օշարակը, բայց ավելի դանդաղ, քան ջուրը։ Մի քանի վայրկյան՝ ու փոշին նորից սյունի պես կանգնեց՝ հարթ ու ողորկ մակերեսով։ Առաջին հայացքից ամեն մարդ կասեր, որ դա հեղուկ է։ | ||
+ | |||
+ | ― Գլանը ամուր փակված է, շարունակեց Լոուրենսը, ― ներսում վակուում է, այնպես, որ լուսնափոշին մենք տեսնում ենք իր համար սովորական պայմաններում։ Բացօդյա վիճակում նրա հատկությունները փոխվում են, նա շատ ավելի մածուցիկ է դառնում ու շատ նման է լինում մանր ավազի կամ տալկի։ Նախօրոք ձեզ զգուշացնում եմ․ սինթետիկ եղանակով չես ստեղծի նմուշ, որը ունենար իսկականի բոլոր հատկանիշները։ Դրա համար այն պետք է չորացնել մի քանի միլիարդ տարի։ Եթե փորձերի համար փոշու կարիք ունենաք, մենք կարող ենք ուղարկել ինչքան ուզեք, չենք աղքատանա։ Մի քանի դիտողություններ ևս։ «Սելենը» խորտակվել է մոտակա ցամաքից՝ «Անմատչելիության լեռներից, երեք կիլոմետրի վրա։ Հավանական է, նավի տակ փոշաշերտը մի քանի հարյուր մետր խոր է դեռևս, բայց հազիվ թե։ Ու ոչ մի երաշխիք չկա, որ փոշեգնացը ավելի խոր չի գնա։ Ճիշտ է, երկրաբանները քիչ հավանական են գտնում դա։ Աղետի վայրը կարելի է հասնել միայն փոշեսահնակներով։ Մենք միայն երկուսն ունենք, երրորդը արդեն բերում են Ֆարսայդից։ Փոշեսահնակը վերցնում է կամ բուքսիրով քաշում է մինչև հինգ տոննա, պլատֆորման դիմանում է մինչև երկու տոննանոց առանձին առարկաների։ Հերևաբար, մենք չենք կարող փախադրել շատ ծանր մեխանիզմներ։ Ահա այսպիսին է գործերի վիճակը։ Մենք իննսուն ժամ ժամանակ ունենք։ Ի՞նչ եք առաջարկում։ Ես որոշ մտքեր ունեմ, բայց մինչ այդ կցանկանայի լսել ձեզ։ | ||
+ | |||
+ | Տիրեց լռություն․ կոմիտեի անդամները, որոնց բաժանում էր մինչև չորս հարյուր հազար կիլոմետր տարածություն, լարված մտածում էին, թե ինչպես լուծել խնդիրը։ Եվ ահա խոսեց Ըրթսայդի գլխավոր ինժեները․ նրա շտաբը գտնվում էր Ժոլիո֊Կյուրիի խառնարանից ոչ հեռու։ | ||
+ | |||
+ | ― Վախենում եմ, որ իննսուն ժամվա ընթացքում մենք ոչինչ չենք հասցնի անել։ Հատուկ պատրաստություններ պետք է տեսնել, որը միշտ շատ ժամանակ է խլում։ Այդ պատճառով էլ սկզբում հարկավոր է օդամուղ տալ «Սելենին»։ Որտե՞ղ է գտնվում նրա հաղորդակցության ցանցը։ | ||
+ | |||
+ | ― Ետնամասում, գլխավոր մուտքի ետևում։ Բայց ես չեմ պատկերացնում, թե ինչպես տասնհինգ մետր խորության վրա խողովակը միացնենք նավին։ Էլ չենք ասում այն մասին, որ խողովակը փոշով կլցվի։ | ||
+ | |||
+ | ― Ես առաջակություն ունեմ, ― միջամտեց մեկ այլ ձայն։ ― Վերևից գայլիկոնով ծակել փոշեգնացի առաստաղը։ | ||
+ | |||
+ | ― Երկու խողովակ կպահանջվի, ― նկատեց մեկ ուրիշը։ ― Մեկը՝ թթվածին տալու, մյուսը ապականված օդը արտամղելու համար։ | ||
+ | |||
+ | ― Այլ կերպ ասած, օդը մաքրելու համար հարկավոր է մի ամբողջ ագրեգատ։ Կարելի է առանց դրա յոլա գնալ, եթե նրանց ազատենք մինչև ճգնաժամը վրա հասնելը։ | ||
+ | |||
+ | Չափազանց մեծ ռիսկ կլինի դա։ Ավելի լավ է օդ տալ նրանց ու գործել առանց շտապողականության, մոռանալով այդ չարաբաստիկ իննսուն ժամվա մասին։ | ||
+ | |||
+ | ― Համաձայն եմ, ― ասաց Լոուրենսը։ ― Ու իր մարդկանց հանձնարարեց նախապատրաստել ամեն անհրաժեշտ բան։ Հաջորդ հարցը․ փորձենք փոշեգնացը բարձրացնել մարդկանցով հանդերձ, թե՞ մարդկանց հանենք մեկ առ մեկ։ Հիշեցնում եմ, որ ներքևում միայն մեկ սկաֆանդր կա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ չի՞ կարելի արդյոք, լայն խողովակ մոտեցնել դռանն ու միացնել այն փոխանցման խցիկի հետ, ― հարցրեց գիտնականներից մեկը։ | ||
+ | |||
+ | ― Նույնքան դժվար է, ինչքան օդամուղ անցկացնելը։ Նույնիսկ ավելի դժվար՝ միացման մակերեսը շատ ավելի մեծ է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ կասեք կեսսոնի<ref>Սնամեջ հեծան</ref> մասին, մեծ կեսսոնի, որը կարող էր ընդգրկել ամբողջ փոշեգնացը։ Այն իջեցնել պետք եղած խորության վրա և դուրս տալ փոշին։ | ||
+ | |||
+ | ― Տոննաներով ցցեր ու ամրական հեծաններ կպահանջվի։ Չմոռանաք նաև․ հատակը պետք է հերմետիկ լինի, այլապես փոշին կթափանցի ներքևից նույնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ մենք կարող ենք հանել այն վերևից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ կարելի՞ է այդ նյութը քաշել օդահանով, ― հարցրեց ինչ֊որ մեկը։ | ||
+ | |||
+ | ― Այո, եթե համապատասխան պոմպ լինի։ Այդ փոշին արտածծել չի կարելի, այն պետք է վեր քաշել։ Սովորական պոմպը անմիջապես շնչասպառ կլինի։ | ||
+ | |||
+ | ― Այս լուսնային փոշին համատեղում է կարծր ու հեղուկ մարմինների վատթարագույն հատկությունները, ― գանգատվեց Պորտ֊Ռորիսի ինժեների օգնականը։ ― Իսկ արժանիքներ՝ ոչ մի։ Այն չի ուզում հոսել, երբ հարկավոր է մեզ, փոխարենը շատ լավ հոսում է, երբ պետք չէ։ | ||
+ | |||
+ | ― Թույլ տվեք ճշտել, ― միջամտեց պատեր Ֆերրարոն․ նա նստած էր Պլատոնի խառնարանի իր աշխատանոցում։ ― «Փոշի» բառը միայն մոլորեցնում է։ Խոսքը այնպիսի նյութի մասին է, որը Երկրի վրա չես գտնի։ Վերջին հռետորը ճիշտ է․ երբեմն այն հիշեցնում է չթրջվող հեղուկ՝ ինչպես սնդիկը, բայց շատ ավելի թեթև։ Իսկ երբեմն էլ ձյութի նման է, այն տարբերությամբ, որ շատ ավելի արագ է հոսում։ | ||
+ | |||
+ | ― Միգուցե, կարելի՞ է նրան կայունություն հաղորդել։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է այդ հարցը Երկրի համար է, ― խոսակցությանը խառնվեց Լոուրենսը։ ― Դոկտոր Էվանս, դուք ի՞նչ կասեք։ | ||
+ | |||
+ | Երեք վայրկյանի հապաղումը, ինչպես միշտ, շատ երկար թվաց։ Վերջապես լսվեց գետնաբանի ձայնը, այնքան պարզ, ասես կողքիդ լիներ։ | ||
+ | |||
+ | ― Ես հենց այդ մասին եմ մտածում։ Կարելի է մի որևէ օրգանական միակցող նյութ գտնել՝ սոսնձանման բան։ Դա կհեշտացներ աշխատանքը փոշու հետ։ Իսկ սովորական ջուրը պիտանի չի՞ լինի։ Չե՞ք փորձել։ | ||
+ | |||
+ | ― Դեռ ոչ, բայց կստուգենք, ― պատասխանեց Լոուրենսը, իր մոտ նշում կատարելով։ | ||
+ | |||
+ | ― Այդ նյութը մագնիսական հատկություն ունի՞, ― հարցրեց հերթական դիսպետչերը։ | ||
+ | |||
+ | ― Իսկապե՜ս, ― արձագանքեց Լոուրենսը։ ― Սենիոր Ֆերրարո, պատասխանեք մեզ այդ հարցին։ | ||
+ | |||
+ | ― Ունի, ոչ մեծ չափով․ նրա մեջ մի քիչ մետեորային երկաթ կա։ Բայց դա չի օգնի մեզ։ Մագնիսը կարող է դուրս քաշել եղած երկաթը, իսկ փոշու վրա ամբողջովին վերցրած չի ազդի։ | ||
+ | |||
+ | ― Եվ, այնուամենայնիվ, փորձենք, ― Լոուրենսը մի նշում ևս արեց։ | ||
+ | |||
+ | Գլխավոր ինժեները հոգու խորքում թեև շատ թույլ՝ մի հույս էր տածում, ― որ մտքերի այդ բախումից թեևս մի փայլուն գաղափար ծնվի, առաջին հայացքից ֆանտաստիկական, բայց հիմնականում մի խելոք մտահղացում, որը լուծում կտա իր պրոբլեմին։ Այո, այո՝ իր։ Դուր է գալիս իրեն, թե ոչ, գլխավոր ինժեները իր բաժիններով ու ենթականերով պատասխանատու է Լուսնի այս կողմի ամբողջ տեխնիկայի համար։ Մանավանդ, երբ այդ տեխնիկայի հետ բան է պատահում։ | ||
+ | |||
+ | ― Ես կարծում եմ, որ հիմնական արգելքը նյութա֊տեխնիկական ապահովումը կլինի, ― ասաց Կլավիի դիսպետչերը։ ― Ամեն ինչ պետք է փոխադրել փոշեսահնակներով, իսկ դա նշանակում է ամենաքիչը երկու ժամ այնտեղ ու ետ, նույնիսկ ավելին, եթե բուքսիրի վերցնենք ծանր բեռը։ Եվ բացի այդ, փոշեգնացի վերևում, Ծովի վրա նախ պետք է ստեղծել շինարարական հրապարակ, տախտակամածի նման մի բան։ Միայն դրա վրա մի ամբողջ օր կգնա, ու շատ ավելին՝ հանդերձանքը տեղափոխելու համար։ | ||
+ | |||
+ | ― Ներառյալ փրկարարների ժամանակավոր բնակատեղին, ― ավելացրեց ինչ֊որ մեկը։ ― Նրանք պետք է հաստատվեն տեղում։ | ||
+ | |||
+ | ― Դե, դա հեշտ է․ հենց որ տախտակամածը պատրաստ լինի, նրա վրա կարելի է իգլու<ref>Իգլու ― էսկիմոսների տնակ հիշեցնող վրան։</ref> դնել։ | ||
+ | |||
+ | ― Դրա համար տախտակամած պետք չէ։ Իգլուն կանգուն կմնա մակերևույթի վրա։ | ||
+ | |||
+ | ― Անդրադառնանք տախտակամածին, ― ասաց Լոուրենսը։ ― Կպահանջվեն ամուր քանդովի հանգույցներ, որոնց կարելի է տեղում հավաքել։ Ինչպիսի՞ առաջարկություններ կան։ | ||
+ | |||
+ | ― Վառելիքի դատարկ տակառնե՞ր։ | ||
+ | |||
+ | ― Շատ մեծ ու անկայուն են։ Լավ, մի բան կգտնենք Տեխնիկական բաժնի պահեստում։ | ||
+ | |||
+ | ― Եվ այլն, և այլն․ մտավոր տրեստը շարունակում էր իր աշխատանքը։ Լոուրենսը մտադիր էր ևս կես ժամ հատկացնել խորհրդակցությանը։ Ապա նա կորոշի՝ ինչպես վարվել։ Չի կարելի խոսակցություններով տարվել, երբ հաշված է յուրաքանչյուր րոպեն ու մարդկանց կյանքը մազից է կախված։ Մյուս կողմից, հապճեպ, բավականաչափ չմտածված պլանները միայն կվնասեն, անտեղի կանցնեն ջանքերն ու նյութերը, և ամեն ինչ կորստի կմատնվի․․․ | ||
+ | |||
+ | Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է թվում։ Փոշեգնացը գտնվել է, ու ընդամենը հարյուր կիլոմետր է բաժանում նրան լավ հագեցված Խարսխակայանից։ «Սելենի» տեղը միանգամայն ճիշտ է որոշված, նա գտնվում է տասնհինգ մետր խորության վրա։ Ընդամենը տասնհինգ, բայց ինչպիսի՜։ Իր բազմամյա կարիերայի ընթացքում Լոուրենսը հազվադեպ է առիթ ունեցել ընդհարվելու նման դժվարին խոչընդոտի հետ։ | ||
+ | |||
+ | Այդ կարիերան կարող է շատ շուտով վերջ գտնել։ Եթե այդ քսաներկու հոգին զոհվեն, արդարանալը նրա համար հեշտ չի լինի։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ազնիվ խոսք, ափսո՜ս, որ ոչ ոք չտեսավ «Աուրիգայի» վայրէջքը՝ դա մի հոյակապ տեսարան էր։ Մարդկության ստեղծած բոլոր տեսիլքներից ամենատպավորիչը՝ տիեզերանավի թռիչքն ու վայրէջքն է։ Այն զիջում է միայն միջուկագետների հնարամտության շատ ավելի ցայտուն օրինակներին։ Իսկ երբ այդ ամենը լինում է Լուսնի վրա, ուր ամեն ինչ տեղի է ունենում ասես դանդաղեցված կինոնկարում ու արտառոց լռության մեջ, տպավորությունը անջնջելի է, ինչպես քմաբարո երազում։ | ||
+ | |||
+ | Նավապետ Անսոնը գլուխը չցավեցրեց նավարկության նրբություններով, մանավանդ որ վառելիքի հոգսը ինքը չէր քաշում։ «Նավապետների համար ուղեցույցում» ոչինչ չէր ասված այն մասին, թե ինչպես հսկա տիեզերանավով հարյուր կիլոմետրանոց թռիչքներ կատարել (պատկերացրեք միայն՝ հարյուր կիլոմետր), թեև մաթեմատիկոսները, անտարակույս, հաճույքով կհաշվեին՝ վարիացիոն հաշվարկման հիման վրա վառելանյութի նվազագույն ծախսով ուղեծիրը։ Անսոնը պարզապես հուպ տվեց հազար կիլոմետր դեպի վեր (դրանով սկսեցին ինքնաբերաբար գործել Միջմոլորակային կոդեքսով նախատեսված հեռավոր տարիֆները, որի մասին առայժմ նա գերադասում էր չպատմել Սպենսերին), ապա ետ շրջեց ու վայրէջքի գնաց, կողմնորոշվելով ռադարով։ Ռադարն ու հաշվիչ մեքենան հսկում էին մեկ֊մեկու, իսկ նավապետ Անսոնը վերահսկում էր նրանց։ Երեքից յուրաքանչյուրը կարող էր ինքնուրույն կատարել խնդիրը, այնքան որ, ամեն ինչ պարզ ու հուսալի էր։ Ճիշտ է, անտեղյակ մարդուն կարող էր այլ կերպ թվալ։ | ||
+ | |||
+ | Դա միանգամայն վերաբերում էր նաև Մորիս Սպենսերին։ Նայելով մերկ լեռնագագաթների անհագ ժանիքներին, լրագրողը հանկարծ սուր կարոտով հիշեց Երկրի կանաչ սարերը։ Ու ասա ի՞նչ ուներ, ինչո՞ւ այդ գործը բռնեց։ Կարծես ինքնասպանություն գործելու ավելի էժան միջոց չկար․․․ | ||
+ | |||
+ | Առանձնապես նա իրեն վատ էր զգում երկու արգելակումների միջև ընկած անկշռելիության վիճակում։ Իսկ, եթե հանկարծ արգելակիչ հրթիռները չաշխատեն, ու տիեզերանավը ավելացնելով արագությունը ընկնի հա ընկնի, մինչև Լուսնի վրա ջարդուփշուր լինե՞լը։ Ու հարկ էլ չկա ինքդ քեզ համոզես, որ դրանք դատարկ բաներ են, երեխայական սարսափներ՝ չէ որ նման դեպք պատահել է, և ո՛չ մեկ անգամ։ | ||
+ | |||
+ | Սակայն «Աուրիգայի» հետ ոչինչ չպատահեց։ Արգելակիչ շարժիչների ահեղ կատաղությունը դուրս ցայտեց լեռների վրա, երկինք հանելով փոշին ու տիեզերական մրուրը, որոնք անվրդով պառկած էին այնտեղ երեք միլիարդ տարի։ Մի պահ նավը քարացավ տեղում հավասարակշռության վիճակում, գետնից մի քանի սանտիմետրի վրա, ապա հրեղեն թաթերը, որոնց վրա նա հենվում էր, դանդաղ, ասես դիմադրելով, մտան իրենց պատյանը։ Շասսիի լայն չռած ոտքերը գետնին առան, «ներբանները» շրջվեցին, հարմարվելով անհարթություններին, տիեզերանավը ցնցվեց ի վերջո, մինչ մեղմիչները մարեցին հարվածի մնացած էներգիան։ | ||
+ | |||
+ | Քսանչորս ժամվա ընթացքում Մորիս Սպենսերը երկրորդ անգամ էր վայրէջք կատարում Լուսնի վրա։ Բավականին հազվադեպ երևույթ։ | ||
+ | |||
+ | ― Այսպես, ― ասաց նավապետ Անսոնը, վեր կենալով դեկի մոտից։ ― Հուսով եմ, այստեղից երևացող տեսարանը ձեզ ձեռք է տալիս։ Այն ձեզ կարժենա մի կարգին գումար, դեռ մենք չենք խոսել արտաժամյաների մասին։ Տիեզերական արհմիությունը․․․ | ||
+ | |||
+ | ― Դուք պարզապես անհոգի մարդ եք, նավապետ։ Մի այսպիսի ժամանակ գլուխս տանում եք մանր֊մունր բաներով։ Եվ, եթե ինձ վրա թանկ չի նստի, թույլ տվեք շնորհավորել ձեզ անբասիր վայրէջքի համար։ | ||
+ | |||
+ | ― Ինչ եք ասում, դա շատ սովորական բան է, ― պատասխանեց նավապետը․ սակայն չկարողացավ ծածկել իր գոհունակությունը։ ― Ի դեպ, խնդրեմ ստորագրեք նավամատյանում․․․ ահա այստեղ, ուր նշված է վայրէջքի ժամանակը։ | ||
+ | |||
+ | ― Դա ինչի՞ համար, ― զգուշացավ Սպենսերը։ | ||
+ | |||
+ | ― Հաստատում եք ձեր ժամանումը։ Նավամատյանը մեր հիմնական իրավաբանական փաստաթուղթն է։ | ||
+ | |||
+ | ― Ձեռագիր մատյա՛ն։ Շատ է մոդայից ընկած, ― ասաց Սպենսերը։ ― Ես կարծում էի մեր օրերում ամեն ինչ անում է էլեկտրոնիկան։ | ||
+ | |||
+ | ― Սովորություն է, ― պատասխանեց Անսոնը։ ― Իհարկե, ինքնագիր մեխանիզմը անընդհատ միացրած է, քանի շարժիչները աշխատում են․ նրանով միշտ կարելի է վերականգնել թռիչքը։ Բայց միայն նավապետի մատյանում դուք կգտնեք փոքրիկ առանձնահատկություններ, որոնք մի ճանապարհորդությունը զանազանում են մյուսից։ Ասենք՝ «Առավոտյան չորրորդ կարգի ուղևորներից մեկը երկվորյակներ ծնեց»։ Կամ՝ «Վեց կեսժամյակից հետո աջ նավակողից երևաց Սպիտակ կետը»։ | ||
+ | |||
+ | ― Խոսքերս ետ եմ վերցնում, նավապետ, ― ասաց Սպենսերը։ ― Դուք անհոգի չեք։ | ||
+ | |||
+ | Նա ստորագրեց մատյանում ու մոտեցավ լուսնացույցին։ Շրջահայման լուսամուտներ կային միայն կառավարման խցիկում, գետնից հարյուր հիսուն մետր բարձրության վրա։ Ռեպորտյորի աչքերի առջև բացվեց մի հոյակապ տեսարան։ Հյուսիսային կողմից, կիսով չափ երկինքը փակելով, դեպի վեր էին բարձրանում Անմատչելիության լեռների գագաթները։ Բայց այդ անունը արդեն չէր բռնում նրանց․ չէ որ ինքն արդեն այստեղ էր։ Ու քանի որ նավը այստեղ է, վատ չէր լինի միաժամանակ գիտության համար ևս մի բան անել, թեկուզ ապարների նմուշներ հավաքել։ Թերթը թերթ, բայց Սպենսերը շատ կուզենար հայտնագործել մի որևիցե բան։ Ամենաշատ բան տեսած մարդն իսկ չի դիմանա չուսումնասիրվածի ու անհայտի գաղտնիքների մեջ թափանցելու գայթակղությանը։ | ||
+ | |||
+ | Դեպի հարավ, մի քառասուն կիլոմետրի վրա փռված էր Ծարավի ծովը։ Տեսադաշտի կեսից ավելին գրավում էր շատ կանոնավոր գորշ աղեղը։ Բայց Սպենսերին հետաքրքրում էր այն, ինչ գտնվում էր լեռներից ընդամենը հինգ կիլոմետրի վրա։ | ||
+ | |||
+ | Երկու հազար մետր բարձրությունից նա սովորական հեռադիտակով պարզ տեսնում էր Լոուրենսի թողած կողմնորոշիչը՝ մետաղե ձողը, որը այժմ «Սելենը» կապում էր ամբողջ արտաքին աշխարհի հետ։ Առանձնապես ոչինչ չկա․ անծայրածիր հարթության վրա տնկված մի փոքրիկ սեպ․․․ Բայց այդ արտահայտիչ սովորականության մեջ ինչ֊որ հուզիչ բան կար։ Հիանալի կադր բացման համար՝ մարդու մենության խորհրդանիշը մարդկային մենության հսկա թշնամի տիեզերքում, որը նա ջանում էր նվաճել։ Մի քանի ժամ հետո այս հարթավայրը կենդանություն կառնի, իսկ առայժմ ձողի ֆոնի վրա հեռուստամեկնաբանները կարող են քննարկել փրկարար աշխատանքների պլանը, ընդմիջումները լրացնելով համապատասխան տեսախոսություններով։ Բայց դա արդեն իրեն չի վերաբերվում, Կլավիի ու Երկրի հեռուստաստուդիայի տղաները կգտնեն նյութը հրամցնելու եղանակը։ Սպենսերի գործն է նյութ հասցնել իր «արծվաբնից»։ Գրեթե լիակատար վակուումի հիանալի պարզությունն ու փոփոխակի տարածական ֆոկուսով հզոր օբյեկտիվը կօգներ մոտիկից ու մանրամասն ցույց տալ փրկարար աշխատանքները։ | ||
+ | |||
+ | Մորիս Սպենսերը նայեց հարավ֊արևմուտք։ Արևը ալարկոտ մագլցում էր դեպի վեր։ Համարյա երկու շաբաթվա ցերեկ կա դեռևս (երկրային հաշվով) այնպես որ լուսավորությունը տեղը֊տեղին կլինի։ Բեմը պատրաստ է։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասնյոթերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Գլխավոր ադմինիստրատոր Ուլսենը աղմկարարություն չէր սիրում, ավելի հարմար էր տեսնում լռակյաց (բայց արդյունավետ) ղեկավարելը, զրուցասերներին, ինչպիսին էր, օրինակ, «Լուսնաշրջիկի» պետը, թողնելով ռեպորտյորների հետ ասել֊խոսելը։ Այդ պատճառով էլ շատ ավելի տպավորիչ էր նրա հազվադեպ ասպարեզ գալը։ Ինչ խոսք, նա այդ բանը հաշվի էր առնում։ | ||
+ | |||
+ | Այժմ Ուլսենին էին նայում միլիոնավոր մարդիկ։ Ճիշտ է, քսաներկու հոգին, որոնց նա դիմում էր առաջին հերթին, նրան չէին կարող տեսնել, քանի որ հարմար չէին գտել հեռուստացույց դնել «Սելենի» վրա, բայց ադմինիստրատորի ձայնը բավականին համոզիչ էր հնչում։ Նրանք լսեցին այն, ինչ ուզում էին իմանալ։ | ||
+ | |||
+ | ― Ալլո, «Սելեն», ― խոսում էր գլխավոր ադմինիստրատորը։ ― Ես ուզում եմ ասել, որ ձեզ փրկելու համար ձեռնարկվել են Լուսնի վրա եղած բոլոր միջոցները։ Մեր ինժեներներն ու տեխնիկները աշխատում են օր ու գիշեր։ Փրկարար գործողոըթյունների պատասխանատվությունը դրված է միստր Լոուրենսի, Ըրթսայդի գլխավոր ինժեների վրա։ Ես միանգամայն վստահում եմ նրան։ Այժմ նա Պորտ֊Ռորիսում հատուկ նախապատրաստություններ է տեսնում փրկարար աշխատանքների համար։ Որոշվել է, և դուք, իհարկե, հավանություն կտաք դրան, ― նախ և առաջ լրացնել ձեր թթվածնի պաշարները։ Դրա համար մենք պատրաստվում ենք խողովակներ իջեցնել, դա կարելի է արագ անել։ Ի դեպ, խողովակները մեզ հնարավորություն կտան ձեզ ոչ միայն թթվածին մատակարարել, այլ, եթե հարկ լինի, նաև ջուր ու պարենամթերք։ Հետևաբար, հենց որ խողովակամուղը աշխատեց, ձեր մտահոգությունները վերջ կգտնեն։ Փոշեգնացին հասնելու և ձեզ ազատելու համար կպահանջվի ևս մի որոշ ժամանակ, բայց դուք արդեն ապահով կլինեք։ Հանգիստ եղեք, մի հուզվեք։ Ես վերջացնում եմ, այս կանալը դուք կարող եք օգտագործել ձեր մերձավորների հետ խոսակցելու համար։ Ցավալի է, որ այդքան զրկանքներ ու անձկություններ բաժին ընկան ձեզ, բայց այժմ արդեն այդ ամենը հետևում մնաց։ Մեկ երկու օրից դուք վերևում կլինեք։ Մնաք բարո՜վ։ | ||
+ | |||
+ | Ադմինիստրատորի խոսքն ավարտելուն պես՝ «Սելենը» թնդաց ձայներից։ Ուլսենը իր նպատակին հասավ․ դժբախտ պատահարը ուղևորների համար վերածվեց մի հրապուրիչ արկածի, որը բավական է ամբողջ կյանքի ընթացքում բարեկամներին ու ծանոթներին պատմելու համար։ Միայն Պաթ Հարրիսոնն էլ մռայլված։ | ||
+ | |||
+ | ― Մեր գլխավորը ինչ֊որ շատ վստահ֊վստահ էր խոսում, ― ասաց նա կոմոդոր Հանստենին։ ― Մեզ մոտ Լուսնի վրա այդ բանը ընդունված չէ․ միշտ անակնկալի կարող ես գալ։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, ― պատասխանեց կոմոդորը։ ― Բայց նրան չկշտամբենք, նա մեր տրամադրության մասին է մտածում։ | ||
+ | |||
+ | ― Ինչ կա որ, տրամադրություններս հիանալի է։ Նամանավանդ հիմա, երբ կարելի է խոսել հարազատների ու մերձավորների հետ։ | ||
+ | |||
+ | ― Ի դեպ, ուղևորների մեջ կա մեկը, որը չի ուղարկել ու չի ստացել և ոչ մի ռադիոգիր։ Ավելին, նա կարծես չի էլ ուզում ոչինչ ուղարկել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞վ է դա։ | ||
+ | |||
+ | Հանստենը բոլորովին իջեցրեց ձայնը։ | ||
+ | |||
+ | ― Ռեդլին, նորզելանդացին։ Քաշվել է անկյուն ու նստել։ Չգիտեմ ինչու նա ինձ դուր չի գալիս։ | ||
+ | |||
+ | ― Գուցե, խեղճը ոչ ոք չունի՞ Երկրի վրա։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հավատա, որ մեկը, որը կարող է Լուսնի տոմս գնել, ամենևին բարեկամներ չունենա, ― առարկեց կոմոդորը։ Թեթևակի ժպիտը մի պահ հարթեց նրա դեմքի խորշոմները։ ― Կարծես, ես ցինիկ եմ դառնում․․․ Եվ, այնուամենայնիվ, առաջարկում եմ աչքներս միստր Ռեդլիի վրա պահել։ | ||
+ | |||
+ | ― Դուք նրա մասին արդեն ասե՞լ եք Սյուին․․․ ըմ․․․ միսս Ուիլքինզին։ | ||
+ | |||
+ | ― Նա՛ իմ ուշադրությունը հրավիրեց Ռեդլիի վրա։ | ||
+ | |||
+ | «Ես ինքս կարող էի գլխի ընկնել, ― հավանություն տալով մտածեց Պաթը։ ― Սյուն ամեն ինչ նկատում է»։ | ||
+ | |||
+ | Այժմ, երբ արդեն ապագան այնքան էլ մռայլ չէր, Պաթ Հարրիսոնը սկսեց լրջորեն մտածել իր և Սյուի հարաբերությունների մասին, նրա ասածների մասին։ Մինչ այդ նա սիրահարվել էր, բայց սա արդեն այլ բան է։ Նրանք մի տարուց ավելի է, ինչ ծանոթացել են։ Սյուն անմիջապես դուր եկավ նրան։ Բայց մինչև օրս նրանց միջև դեռ ոչինչ չէր եղել։ Բայց և այնպես, ինչպե՞ս է նա վերաբերվում իրեն։ Արդյո՞ք արդեն ափսոսում է անցման խցիկում պատահած փոքրիկ միջադեպի համար, թե նրա համար այդ ոչինչ չարժե։ Նա կարող է հայտարարել (ու ինքը նույնպես, եթե բանը դրան գա), որ իրենց համբույրը ոչինչ չի նշանակում, րոպեական մի պոռթկում էր մահացու վտանգի դեմ֊հանդիման։ Մի պահ իրենց մոռացան, և ուրիշ ոչինչ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե ո՞չ։ Գուցե վերջին օրերի լարվածությունը օգնեց նրանց այդ բանում․․․ Ինչպե՞ս համոզվել դրանում։ Միգուցե, գիտական անսխալ եղանակ կա որոշելու, թե երբ ես իսկականից սիրում, բայց Պաթը դեռևս չէր լսել դրա մասին․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | Պիրսի մոտ, որտեղից չորս օր առաջ մեկնել էր «Սելենը», լուսնափոշու խորությունը ընդամենը երկու մետր էր, բայց փորձի համար պետք էլ չէր ավելին։ Եթե շտապ պատրաստված կառուցվածքը դիմանա փորձարկմանը այստեղ, այն կարելի է օգտագործել նաև բաց ծովում։ | ||
+ | |||
+ | Տիեզերանավի լուսամուտից Լոուրենսը դիտում էր, թե ինչպես են սկաֆանդրավոր մարդիկ տախտակամած հավաքում ալյումինե շերտերից ու հեծաններից՝ նյութ, որ Լուսնի վրա կիրառվում է գրեթե բոլոր կառուցվածքներում։ | ||
+ | |||
+ | Ինչ էլ ասես, Լուսինը որոշ իմաստով՝ դրախտ է ինժեներների համար։ Փոքր ձգողականություն, չկա ոչ ժանգ, ոչ կոռոզիա, հարկ չկա վախենալու կլիմայի քմահաճությունից՝ ոչ մի քամի, անձրև, ջերմաստիճանի տատանում։ Դրանց շնորհիվ վերանում են մի ամբողջ շարք խոչընդոտներ, որոնք շատ են խանգարում շինարարներին Երկրի վրա։ Իհարկե, Լուսինն էլ իր առանձնահատկություններն ունի․ երկու հարյուր աստիճանանոց գիշերային սառնամանիքը, փոշին, որի հետ նրանք այժմ մարտնչում են։ | ||
+ | |||
+ | Տախտակամածի թեթև կմախքը հենվում էր տասներկու մետաղյա ցիստերների վրա, որոնց վրա պարզ երևում էր հետևյալ մակագրությունը․ | ||
+ | |||
+ | <b>Էթիլային սպիրտ։ Դատարկ ցիստեռները խնդրվում է վերադարձնել N3 ապրանքային բազան, Կոպեռնիկոս»։</b> | ||
+ | |||
+ | Այժմ ցիստեռններում վակուում էր, ու նրանցից յուրաքանչյուրը կարող էր պահել երկու լուսնային տոննա։ | ||
+ | |||
+ | Տախտակամածի հավաքումը արագ էր ընթանում։ Լոուրենսի մտքով անցավ, որ պետք է հոգալ պահեստային հեղույսների ու պնդօղակնեի մասին։ Նրա աչքերի առջև հինգ֊վեց հատ ընկան փոշու մեջ, որն անմիջապես կուլ տվեց դրանք։ Ահա և պնդօղակի բանալին ընկավ այնտեղ․․․ Պետք է հրաման տալ, որպեսզի գործիքները կապեն տախտակամածին, որքան էլ դժվարացնի դա աշխատանքը։ | ||
+ | |||
+ | Տասնհինգ րոպե։ Վատ չէ, եթե հաշվի առնենք, որ մարդիկ աշխատում են վակուումում և սկաֆանդրը դժվարացնում է նրանց շարժումները։ Տախտակամածը կարելի է ավելացնել ուզածդ ուղղությամբ, բայց սկզբի համար այս էլ է բավական։ Միայն այսքանը կբարձրացնի ավելի քան քսան տոննա, իսկ այդ քսան տոննան դեռևս պետք է փոխադրել աղետի վայրը։ | ||
+ | |||
+ | Տեսնելով, որ ամեն ինչ այստեղ կարգին է, Լոուրենսը դուրս եկավ տիեզերակայանի շենքից․ օգնականները կհետևեն աշխատանքին։ Հինգ րոպե անց (Պորտ֊Ռորիսի առավելություններից մեկը՝ հինգ րոպեում կարելի էր հասնել նրա ուզածդ կետը) նա մտավ մեխանիկական արհեստանոցը։ Այստեղ նրան շատ ավելի քիչ մխիթարական պատկեր էր սպասում։ | ||
+ | |||
+ | Ոտքերի վրա դրված էր երկու քառակուսի մետր տարածությամբ մի մակետ, որը ճիշտ և ճիշտ ընդօրինակում էր «Սելենի» տանիքի մասը, չկար միայն ալյումինապատ բարակ շերտը, որը արտացոլում էր արևի ճառագայթները, ― այն չէր կարող ազդել փորձի ելքի վրա։ | ||
+ | |||
+ | Իսկ փորձը չափազանց պարզ էր, նրա համար ընդամենը երեք բան էր պահանջվում․ սուր լինգ, ծանր մուրճ ու մի դառնացած մեխանիկ, որը ինչքան էլ չարչարվում էր՝ չէր կարողանում ծակել մակետը։ | ||
+ | |||
+ | Ով փոքրիշատե ծանոթ է Լուսնի պայմաններին, անմիջապես կհասկանա անհաջողության պատճառը․ մուրճի քաշը, բնականաբար, կազմում էր երկրայինի մեկ վեցերորդը։ Ահա թե ինչու, նույնպես հասկանալի պատճառով, հարվածի ուժը նույնքան անգամ պակաս էր։ | ||
+ | |||
+ | Միանգամայն սխալ դիտողությո՛ւն։ Ոչ մասնագետի համար շատ դժվար է հասկանալ կշռի ու մասսայի միջև եղած տարբերությունը․ ի դեպ, դա քանիցս դժբախտ դեպքերի պատճառ էր դարձել։ Կշիռը՝ անկայուն հատկանիշ է, այն կարելի է փոփոխել մի աշխարհից մյուսը ճանապարհորդելիս։ Երկրի վրա այդ նույն մուրճը վեց անգամ ծանր կլինի, քան Լուսնի վրա, Արևի վրա՝ գրեթե երկու հարյուր անգամ, տիեզերքում այն անկշռելի կլինի։ | ||
+ | |||
+ | Սակայն ամենուրեք տիեզերքում նրա մասսան կամ իներցիան անփոփոխ կմնան։ Մուրճին որոշակի արագություն հաղորդելու ճիգը, և հարվածը նրա կանգնելու ժամանակ, ամենուր ու միշտ միատեսակ կլինեն։ Աստերոիդի վրա, որտեղ գրեթե բացակայում է ձգողականությունը և մուրճը փետուրից թեթև կլինի, նա այնպես կփշրի քարը, ինչպես Երկրի վրա։ | ||
+ | |||
+ | ― Բանն ինչո՞ւմն է, ― հարցրեց Լոուրենսը։ | ||
+ | |||
+ | ― Տանիքը շատ է ճկվում, ― ճակատի քրտինքը սրբելով ասաց մեխանիկը։ ― Լինգը ետ է թռչում։ | ||
+ | |||
+ | ― Պարզ է․․․ Բայց մենք օգտագործելու ենք ամեն կողմից փոշով սեղմված տասնհիգմետրանոց խողովակ։ Թերևս դա մարի հետհարումը։ | ||
+ | |||
+ | ― Թերևս։ Բայց դուք այստեղ նայեք․․․ | ||
+ | |||
+ | Նրանք պպզեցին մակետի մոտ ու տակից նայեցին։ Կավիճով քաշված գծերը ցույց էին տալիս, թե առաստաղի երկայնությամբ ինչպես են անցնում էլեկտրալարերը, որոնց ավելի լավ է չդիպչես։ | ||
+ | |||
+ | ― Այս ֆիբրոգլասը (թելապակի) շատ ճկուն է, կանոնավոր անցք չի ստացվի։ Այն ճաքճքում ու փշրվում է։ Տեսեք, արդեն ճեղքեր են առաջանում։ Վախենում եմ, ամբողջ առաստաղը այլանդակենք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դա չի կարելի, ― համաձայնեց Լոուրենսը։ ― Լավ, դադարեցրեք։ Քանի որ ուղղակի ծակել չի կարելի, կգայլիկոնենք։ Հորատիչը այնպես կամրացնենք խողովակի ծայրին, որպեսզի հեշտ լինի հանելը։ Ի դեպ, խողովակները պատրա՞ստ են։ | ||
+ | |||
+ | ― Գրեթե պատրաստ են, այստեղ ամբողջ սարքավորումը ստանդարտ է, նոր բան հնարելու հարկ չկա։ Երկու֊երեք ժամ հետո կվերջացնենք։ | ||
+ | |||
+ | ― Ես երկու ժամ հետո կգամ, ― ասաց Լոուրենսը։ | ||
+ | |||
+ | Նա չշարունակեց, ինչպես այդ կաներ մեկ ուրիշը նրա տեղը․ «Եվ որ ամեն ինչ ժամանակին արվի»։ Նրա մարդիկ անում էին, ինչ կարող էին։ Ոչ մտրակով, ոչ էլ մեղրաբլիթով չես ստիպի փորձառու և բարեխիղճ մարդկանց ավելի արագ աշխատելու, քան ներում են նրանց ուժերը։ Շտապեցնելն այստեղ չի օգնի․ բացի այդ «Սելենի թթվածնի պաշարներից ելնելով, դեռ երեք օր ժամկետ կար։ Մի քանի ժամ հետո, եթե ամեն ինչ լավ լինի, այդ ժամկետը կերկարաձգվի անորոշ ժամանակով։ | ||
+ | |||
+ | |||
+ | Կոմոդոր Հանստենը առաջինը նկատեց սարսափելի վտանգը, որ գաղտագողի մոտենում էր նրանց։ Նա մի անգամ արդեն հանդիպել էր դրան, երբ Գանիմեդի վրա սկաֆանդրը խափանվեց։ Կոմոդորը գերադասում էր չհիշել այդ դեպքը, բայց մոռռանալ էլ չէր կարողանում։ | ||
+ | |||
+ | ― Պաթ, ― ցածրաձայն ասաց նա, համոզվելով, որ ոչ ոք չի լսում իրենց։ ― Նկատո՞ւմ եք, որ շնչելը դժվար դարձավ։ | ||
+ | |||
+ | Պաթը անմիջապես չպատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Այժմ, երբ ասացիք, զգում եմ։ Հավանաբար շոգից է։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ այդպես կարծեցի սկզբում։ Բայց հետո ծանոթ ախտանշաններ նկատեցի, առանձնապես արագացած շնչառությունը։ Մեզ սպառնում է ածխաթթվային թունավորում։ | ||
+ | |||
+ | ― Չի կարող պատահել։ Մենք դեռևս երեք օրվա թթվածին ունենք, միայն թե մաքրիչները չփչանան։ | ||
+ | |||
+ | ― Կարծում եմ, որ հենց այդ էլ պատահել է։ Ինչպե՞ս է դուրս գալիս ածխաթթու գազը «Սելենից»։ | ||
+ | |||
+ | ― Սովորական քիմիական կլանիչների օգնությամբ։ Պարզ ու հուսալի սարքավորում, որ երբեք չի դավաճանել։ | ||
+ | |||
+ | ― Հասկանում եմ, բայց նա երբեք չի աշխատել այսպիսի պայմաններում։ Ըստ երևույթին, շոգը ազդել է քիմիական նյութերի վրա։ Կարելի՞ է որևէ կերպ ստուգել այդ բանը։ | ||
+ | |||
+ | Պաթը գլուխը տարուբերեց։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Այն հատվածը կարելի է ընկնել միայն դրսից։ | ||
+ | |||
+ | ― Սյու, սիրելիս, ― ասաց մի նվաղած ձայն (արդյոք միստր Շաստե՞րն է) ոչինչ չունե՞ք գլխացավի դեմ։ | ||
+ | |||
+ | ― Եթե կա, ― վրա եկավ մեկ ուրիշ ուղևոր, ― ինձ էլ բաժին հանեք։ | ||
+ | |||
+ | Պաթն ու կոմոդորը միմյանց նայեցին։ Տիպիկ ախտանշաններ, ասես դասագրքից վերցրած լինի․․․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն ժամանակ է մնացել մեզ, ― ցածրաձայն հարցրեց Պաթը։ | ||
+ | |||
+ | ― Շատ֊շատ երկու երեք ժամ։ Լոուրենսն ու իր աշխատողները լավագույն դեպքում այստեղ կլինեն վեց ժամ հետո։ | ||
+ | |||
+ | Հենց այստեղ Պաթը զգաց, որ իսկապես սիրում է Սյու Ուիլքինզին․ նա չերկյուղեց իր կյանքի համար, այլ մի տեսակ ափսոսանք ու կսկիծ պատեց նրա սիրտը․ Սյուն, որ այդքան դիմացավ, այժմ, երբ փրկությունը արդեն մոտ է, պետք է մահանա․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասնութերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Արթնանալով անծանոթ սենյակում, Թոմ Լոուսոնը մի պահ ոչ միայն չկարողացավ հասկանալ, թե որտեղ է ինքը, այլև՝ թե ով է ինքը։ Սեփական ծանրության զգացմունքը նրան հուշեց, որ ինքը «Լագրանժի» վրա չէ, ձգողականությունը շատ թույլ է։ Ուրեմն, երազ չէ․ նա Լուսնի վրա է։ Ու արդեն եղել է այդ կորած֊մոլորած Ծարավի ծովում․․․ | ||
+ | |||
+ | Եվ օգնել է գտնելու «Սելենը»․ շնորհիվ նրա խելքի ու ձեռքերի՝ քսաներկու հոգի այլևս մահվան չեն դատապարտված։ | ||
+ | |||
+ | Ինչքան վիրավորանք ու դառնություն քաշեց, բայց այժմ վերջապես իրականանում է իր երազած փառքը։ Աշխարհը երկար ժամանակ արհամարհեց իրեն, այժմ արդեն բոլորը կհատուցի։ | ||
+ | |||
+ | Առանձնապես ոչինչ չկա նրանում, որ հասարակությունը Թոմին տվել է գիտելիքներ, որոնք մի հարյուր տարի առաջ քչերին էին մատչելի։ Վաղուց արդեն սովորական բան է դարձել՝ յուրաքանչյուր երեխա կրթություն է ստանում իր ձիրքերին ու հակումներին համապատասխան։ Բոլոր ընդունակությունները խրախուսելն ու զարգացնելը անհրաժեշտություն է դարձել քաղաքակրթության համար, ամեն մի այլ մոտեցում համազոր կլիներ ինքնասպանության։ Ու Թոմի մտքով անգամ չանցավ շնորհակալություն հայտնել հասարակությանը դոկտորի աստիճանի համար․ դա հասարակության օգտի համար է։ | ||
+ | |||
+ | Այնուամենայնիվ, այդ առավոտ Թոմ Լոուսոնը առանց նախկին դառնության ու զինիզմի մտածում էր կյանքի ու մարդկանց մասին։ Հաջողությունն ու ճանաչումը՝ հոգեկան մեծ ամոքիչներ են, և նա կարող է հույսը դնել և՛ մեկի, և՛ մյուսի վրա։ Բայց նրա համար շատ ավելի կարևոր եղավ մի այլ բան․ «Փոշեսահնակ 2֊ի» վրա, երբ վախն ու կասկածը համարյա ընկճում էին իրեն, նա շփում ունեցավ և համագործակցեց մի այնպիսի մեկի հետ, որին հարգեց նրա խելքի ու քաջության համար։ | ||
+ | |||
+ | Ճիշտ է, երկար չտևեց այդ և, թերևս, թելը շուտ կտրվի, ինչպես քանիցս պատահել է անցյալում։ Մասամբ Թոմը նույնիսկ ուզում էր մեկ անգամ ևս համոզվել, որ բոլոր մարդիկ ստոր ու չարամիտ եսասերներ են։ Նա չէր կարողանում մոռանալ իր մանկությունը, ճիշտ ինչպես Չարլզ Դիկենսը, որի հոգում ոչ հաջողությունները, ոչ փառքը չկարողացան ջնջել գուտալինի ֆաբրիկայի հետ կապված հիշողությունները, որոնք բառիս իսկական ու փոխաբերական իմաստով մթագնել էին գրողի պատանեկան տարիները։ Ու թեև Թոմ Լուոսոնը այժմ կարծես նոր էր սկսում իր կյանքի ուղին, նա դեռ շատ բան պետք է աներ, որպեսզի իրեն զգար մարդկային հասարակության լիիրավ ու լիարժեք անդամ։ | ||
+ | |||
+ | Ջրցող ընդունելով ու հագնվելով, երիտասարդ ասղագետը սեղանի վրա նկատեց Սպենսերի երկտողը։ | ||
+ | |||
+ | «Ձեզ զգացեք, ինչպես ձեր տանը։ Ես ստիպված եմ անհապաղ մեկնել։ Ինձ այստեղ կփոխարինի Մայք Գրեհեմը։ Հենց որ արթնանաք, զանգահարեցեք նրան 34―43 համարով»։ | ||
+ | |||
+ | «Կարծես ես մինչև արթնանալս կարող էի զանգահարել», ― ինքն իրեն ասաց Թոմը․ նրա չափից ավելի տրամաբանական միտքը սիրում էր կառչել նման լեզվական անփութություններից։ Այնուամենայնիվ, նա կատարեց Սպենսերի ցանկությունը, քաջաբար խեղդելով սկզբից նախաճաշ պատվիրելու ցանկությունը։ | ||
+ | |||
+ | Մայք Գրեհեմից Թոմն իմացավ, որ ինքը քնել է Պորտ֊Ռորիսի պատմության մեջ ամենաբուռն վեց ժամերին, որ Սպենսերը «Աուրիգայով» մեկնել է Ծարավի ծովի շրջանը, և որ բնակավայրը վխտում է ռեպորտյորներով, որոնց մեծ մասը փնտրում է դոկտոր Լոուսոնին։ | ||
+ | |||
+ | ― Տեղում մնացեք, ― ասաց Գրեհեմը (նրա անունն ու ձայնը ծանոթ թվացին Թոմին․ հավանաբար, ինքը նրան տեսել էր այն հազվադեպ պահերին, երբ միացրել է լուսնային հեռուստատեսությունը)։ ― Ես արդեն կլինեմ հինգ րոպեից։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես սովից մեռնում եմ, ― բողոքեց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Զանգահարեք սպասարկման բյուրո և պատվիրեք ինչ ուզում եք, ― մենք ենք վճարում, ― միայն թե դուրս չգաք համարից։ | ||
+ | |||
+ | Թոմը չվիրավորվեց այդ անպատկառ ճնշումից, որը մի ավելորդ անգամ հաստատում էր, որ նա այժմ կարևոր դեմք է։ Նրան շատ ավելի վրդովեց այն, որ Մայք Գրեհեմը շատ ավելի շուտ հասավ, քան Թոմի պատվիրած նախաճաշը (Պորտ֊Ռորիսի ամեն մի բնակիչ կարող էր կանխագուշակել այդ բանը նրան)։ Ու աստղագետը ստիպված էր Մայքի փոքրիկ հեռուստախցիկի առջև՝ սոված փորով, երկու հարյուր (առայժմ դեռ երկու հարյուր) միլիոն դիտողների պարզաբանել, թե ինչպես նա կարողացավ հայտնաբերել «Սելենը» | ||
+ | |||
+ | Նա գերազանց գլուխ բերեց, ու դրա պատճառը վերջին իրադարձություններն ու սովն էր։ Դեռ մի քանի օր առաջ ամեն մի ինտերվյուեր, եթե նրան ընդհանրապես հաջողվեր համոզել Լոուսոնին հեռուստախցիկի առջև շարադրել ինֆրա֊կարմիր որոնման սկզբունքները, կխեղդվեր վերամբարձ գիտական ֆրազների հեղեղից։ Թոմը գնդացրի արագությամբ վրա կտար «քվանտային արգասիք», «սև մարմինների ճառագայթում», «սպեկտրալ զգայունություն» և նման այլ տերմիններով առատ մի դասախոսություն, համոզելով լսարանին, որ խոսքը խիստ բարդ մի նյութի մասին է (ու սա միանգամայն ճիշտ է), որը չի հասկանա ոչ մասնագետը (որը ամենևին չի համապատսխանում իրականությանը)։ | ||
+ | |||
+ | Իսկ այժմ երիտասարդ գիտնականը, չնայած ստամոքսի պահանջին, հանգամանալից ու նույնիսկ համբերատար կեպով պատասխանեց Մայք Գրեհեմի հարցերին, ընտրելով մեծամասնության համար հասկանալի բառեր։ Աստղագիտական գիտության շատ ներկայացուցիչների համար, որոնք երբևիցե իրենց մաշկի վրա զգացել են Թոմի խայթոցները, դա մի իսկական հայտնություն էր։ Նստած իր մոտ «Լարգրանժ 2-ում»՝ պրոֆեսոր Կոտելնիկովը, երբ ավարտվեց հաղորդումը, մի նախադասությամբ արտահայտեց պաշտոնակիցների զգացմունքները․ | ||
+ | |||
+ | ― Ազնիվ խոսք, ես նրան չեմ ճանաչում։ | ||
+ | |||
+ | |||
+ | Փոքր սխրագործություն չէ՝ յոթ հոգով խցկվել «Սելենի» անցման խցիկը, բայց, ինչպես արդեն Պաթի փորձն էր ցույց տվել, այլևս տեղ չկար գաղտնի խորհրդակցության համար։ Մյուս ուղևորները, իհարկե, վարանում էին, թե բանն ինչումն է։ Շուտով կիմանան․․․ | ||
+ | |||
+ | Հանստենի հաղորդումը անհանգստացրեց խորհրդի մասնակիցներին, իսկ ընդհանուր առմամբ, այնքան էլ չզարմացրեց։ Նրանք բոլորն էլ խելացի մարդիկ էին ու իրենք արդեն որոշ բան կռահում էին։ | ||
+ | |||
+ | ― Մենք նավապետ Հարրիսի հետ որոշեցինք նախ ձեզ հետ զրուցել, ― բացատրեց Կոմոդորը։ ― Դուք ուղևորների մեջ ամենատոկունն եք ու բավականին ուժեղ՝ հարկ եղած դեպքում մեզ օգնելու համար։ Ի սրտե հավատում եմ, որ բանը դրան չի հասնի, բայց կարող են բարդություններ ծագել, երբ հայտարարեմ բոլորին։ | ||
+ | |||
+ | ― Ու այն ժամանա՞կ․․․ ― հարցրեց Հարդինգը։ | ||
+ | |||
+ | ― Եթե որևէ մեկը անխոհեմ քայլի դիմի, զսպեք նրան, ― վճռաբար պատասխանեց կոմոդորը։ ― Երբ խուց վերադառնանք, աշխատեցեք հանգիստ երևալ։ Ցույց չտաք, որ ընդհարման եք սպասում, թե չէ կդրդեք նրանց։ Ձեր խնդիրն է անմիջապես կանխել խուճապը, որպեսզի այն չհամակի բոլորին․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ կլինի, որպեսզի ոչ ոք նույնիսկ չկարողանա․․․ հըմ, ոչինչ հաղորդել հարազատներին հրաժեշտ տալիս, ― ասաց դոկտոր Մըքենզին։ | ||
+ | |||
+ | ― Մենք այդ մասին մտածել ենք, իսկ չէ որ դրա համար շատ ժամանակ կպահանջվի ու բոլորն էլ վերջնականապես կվհատվեն։ Իսկ մեզ ձգել չի կարելի։ Որքան արագ գործենք մենք, այնքան շանսերը մեծ կլինեն։ | ||
+ | |||
+ | ― Դուք հավատո՞ւմ եք, որ մենք փրկության հույս ունենք, ― հարցրեց Բարրետը։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― պատասխանեց Հանստենը, ― թեև չեմ համարձակվում ճիշտն ասել, թե որքան է մեծ այն։ Հարցեր չկա՞ն այլևս։ Բրայե՞ն։ Յուխանսո՞ն․․․ այդ դեպքում գնացինք։ | ||
+ | |||
+ | Նրանք վերադարձան խուց ու նստեցին իրենց տեղերում։ Մնացածները նրանց էին նայում հետաքրքրությամբ ու աճող անհանգստությամբ։ Հանստենը չուշացրեց։ | ||
+ | |||
+ | ― Ես պետք է անախորժ նորություն հայտնեմ, ― հուսահատ արտասանեց նա։ ― Հավանաբար, բոլորդ արդեն նկատել եք, որ շնչելը դժվարացել է, ձեզնից շատերը գանգատվում են գլխացավից։ Օդից է։ Մենք դեռևս թթվածնի բավարար պաշար ունենք, բայց բանը նրանումն է, որ մեր արտաշնչած ածխաթթու գազը մնում է ներսում։ Իսկ թե ինչու՝ հայտնի չէ։ Ես կարծում եմ, շոգը շարքից հանել է քիմիական կլանիչները։ Բայց եթե նույնիսկ մեզ հաջողվի էլ գտնել պատճառը, ոչինչ չենք կարող շտկել։ | ||
+ | |||
+ | Նա լռեց, որպեսզի շունչ առնի։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ է սպասում մեզ․ շնչելը ավելի ու ավելի դժվար կլինի, գլխացավը կուժեղանա։ Ես չեմ ուզում ձեզ խաբել։ Փրկարարները որքան էլ ջանք թափեն, վեց ժամից շուտ չեն կարող մեզ հասնել։ Իսկ մենք չենք կարող այդչափ սպասել։ | ||
+ | |||
+ | Ինչ֊որ մեկը ախ քաշեց։ Հանստենը գիտակցաբար նրա կողմը չնայեց։ Ու հանկարծ լսվեց մի երկար խռմփոց՝ շվոցն էլ հետը։ Այլ պարագայում այդ ձայնը, ըստ երևույթին, ընդհանուր ծիծաղ կառաջացներ․․․ Երջանիկ միսս Շաստեր, նա խաղաղ, թեպետ ոչ շատ լուռ, քնած էր։ | ||
+ | |||
+ | Կոմոդորը խոր շունչ քաշեց։ Ավելի ու ավեի դժվար էր դառնում խոսելը։ | ||
+ | |||
+ | ― Եթե մեր վիճակը բոլորովին անհուսալի լիներ, ― շարունակեց նա, ― ես պարզապես կլռեի։ Բայց մենք դեռևս հնարավորություն ունենք, և պետք է օգտվենք դրանից։ Դա շատ հաճելի չէ, սակայն այլ ընտրություն չունենք։ Միսս Ուիլքինզ, տվեք ինձ, խնդրեմ, քնաբեր ամպուլա։ | ||
+ | |||
+ | Մեռելային լռության մեջ (նույնիսկ միսս Շաստերը դադարել էր խռմփալուց) ստուարդուհին կոմոդորին հանձնեց մետաղե փոքրիկ արկղը։ Հանստենը բաց արեց այն ու վերցրեց սիգարետ հիշեցնող սպիտակ փոքրիկ գլանը։ | ||
+ | |||
+ | ― Երևի ձեզ հայտնի է, ― ասաց նա, ― որ ըստ կանոնադրության բոլոր տիեզերանավերի դեղարկղերում այս բուժամիջոցը կա։ Դեղը անցավ է ու քնեցնում է տասը ժամ։ Դա մեզ կարող է փրկել, քանի որ քնած ժամանակ շնչառությունը կիսով չափ դանդաղում է։ Մենք երկու անգամ կպակասեցնենք օդի պաշարի ծախսումը։ Հուսանք, որ այդ ժամանակամիջոցում փրկարարները մեզ կհասնեն։ Սակայն մեկն ու մեկը արթուն պետք է մնա, կապ պահպանի նրանց հետ։ Ավելի լավ է նույնիսկ երկուսը։ Նախ, նավապետ Հարրիսը․ կարծում եմ ոչ ոք չի առարկի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ երկրորդը, հավանաբար դո՞ւք, ― լսվեց բավականին ծանոթ մի ձայն։ | ||
+ | |||
+ | ― Ցավում եմ, որ պետք է վշտացնեմ ձեզ, միսս Մոռլի, ― ասաց կոմոդոր Հանստենը, ամենևին չզայրանալով (ում է պետք վիճաբանությունը, երբ ամեն ինչ որոշված է), ― բայց որպեսզի թյուրիմացություններ չլինեն․․․ | ||
+ | |||
+ | Ու մինչ որևէ մեկը կհասկանար, թե ինչ է կատարվում, նա ամպուլան սեղմեց ձեռքին, արմունկից ցած։ | ||
+ | |||
+ | ― Ցտեսություն տասը ժամ հետո, ― զատ֊զատ արտասանեց Հանստենը, նստեց մոտակա բազկաթոռին ու նիրհեց։ | ||
+ | |||
+ | «Այժմ ես պետք է կարգադրեմ», ― մտածեց Պաթը, վեր կենալով։ Նա այնպես կուզեր մի քանի «ջերմ» խոսքեր ասել միսս Մոռլիին, բայց իսկույն գլխի ընկավ, որ կփչացնի կոմոդորի խելացի վարմունքի տպավորությունը։ | ||
+ | |||
+ | ― Ես այս նավի նավապետն եմ, ― ասաց նա հաստատորեն։ ― Այս րոպեից ես եմ հրամայում։ | ||
+ | |||
+ | ― Միայն ոչ ինձ, ― հանդուգն պատասխանեց անսաստելի միսս Մոռլին։ ― Ես վճարել եմ տոմսի համար, ես իրավունքներ ունեմ։ Ու ես կտրականապես հրաժարվում եմ օգտագործել այդ բաները։ | ||
+ | |||
+ | Այ թե բնավորություն է, հա, սատանան տանի։ Պաթը սոսկումով պատկերացրեց, թե ինչ կլինի, եթե միսս Մոռլին պնդի իր ասածի վրա։ Տասը ժամ մեն֊մենակ միսս Մոռլիի հետ մնաս, ու այլևս ոչ ոքի հետ խոսք անգամ չփոխանակես․․․ | ||
+ | |||
+ | Նա մի հայացք գցեց հինգ «կարգի պահապանների» կողմը։ Միսս Մոռլիին բոլորից մոտ նստած էր ջամայկացի ինժեներ Ռոբերտ Բրայենը։ Նա միայն նշանի էր սպասում, որպեսզի գործի անցնի, բայց Պաթը դեռ հույս ուներ խուսափել լուրջ բախումներից։ | ||
+ | |||
+ | ― Ձեր իրավունքների դեմ ես առարկություն չունեմ, ― ասաց նա, ― բայց եթե դուք կարդաք այն, ինչ մանր տառերով գրված է ձեր տոմսերի վրա, ապա կհամոզվեք, որ վթարային դեպքերում ես կարող եմ պահանջել, որպեսզի անխոս ենթարկվեք։ Ու չէ որ դա միայն ձեր օգտին է։ Անձամբ ես կգերադասեի քնել, սպասելով փրկարարներին։ | ||
+ | |||
+ | ― Ես նույնպես, ― անսպասելիորեն միջամտեց պրոֆեսոր Ջայավարդենը։ ― Կոմոդորը իրավացի է, դա մեզ կօգնի օդը խնայել։ Պարզապես, այլ ելք չկա։ Միսս Ուիլքինզ, ինձ ամպուլա տվեք, խնդրեմ։ | ||
+ | |||
+ | Նրա ասածի հանգիստ տրամաբանությունը օգնեց չափավորելու կրքերը, նամանավանդ որ պրոֆեսորը հեշտ ու արագ քնեց։ «Երկուսն՝ արդեն, մնացին տասնութը», ― մտովի նշեց Պաթը։ | ||
+ | |||
+ | ― Ժամանակ չկորցնենք, ― ասաց նա բարձրաձայն։ ― Ինքներդ համոզվեցիք, ոչ մի ցավ չեն պատճառում դրանք։ Նրանք ենթամաշկային փոքրիկ ներարկիչներ ունեն, այնպես որ դուք ամենա թեթև ծակոց նույնիսկ չեք զգա։ | ||
+ | |||
+ | Սյուն արդեն սկսել էր բաժանել արտաքուստ անշառ գլանակները, ու որոշ ուղևորներ առանց հապաղելու օգտագործեցին դրանք, ― Իրվինգ Շաստերը (նա սրտառուչ զգուշությամբ ամպուլան սեղմեց քնած կնոջ ձեռքին), նրան հետևեց խորհրդավոր միստր Ռեդլին։ Մնում են տասնհինգը․․․ Ո՞վ է հաջորդը։ | ||
+ | |||
+ | Սյուն մոտեցավ միսս Մոռլիիին։ «Զգույշ, ― ինքն իրեն ասաց Պաթը, ― եթե նա դեռ տրամադիր է աղմկելու․․․» | ||
+ | |||
+ | Այդպես էլ եղավ։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ես բավականին պարզ չասացի, որ քնաբեր ոչինչ չեմ ընդունի։ Դեն տարեք այդ բանը։ | ||
+ | |||
+ | Ռոբերտ Բրայենը փոքր֊ինչ տեղից վեր կացավ, բայց այստեղ լսվեց Դեվիդ Բարրետի ծաղրալի ձայնը։ | ||
+ | |||
+ | ― Ես ձեզ կբացատրեմ, նավապետ, թե բանն ինչումն է, ― ասաց նա կծելու անսքող հաճույքով։ ― Պատվելի լեդին վախենում է, թե կօգտվեք դուք նրա անաճարակությունից։ | ||
+ | |||
+ | Մի պահ միսս Մոռլին պապանձվեց կատաղությունից, նրա այտերը կաս֊կարմիր գույն ստացան։ | ||
+ | |||
+ | ― Երբեք դեռ ինձ այսպես չէին վիրավորել․․․ ― ասաց նա վերջապես։ | ||
+ | |||
+ | ― Ինձ նույնպես, տիկին, ― ավելացրեց Պաթը։ | ||
+ | |||
+ | Նա մի հայացք գցեց շուրջը։ Ուղևորների մի մասը լուրջ էին, բայց ոմանց դեմքին խայթող ժպիտ կար։ Ու միսս Մոռլին հասկացավ՝ մի բան է մնում անելու։ | ||
+ | |||
+ | Նա գլուխը կախեց ու նստեց տեղը։ Պաթը թեթևացած շունչ քաշեց։ Մնացածների բանը հեշտ է․․․ | ||
+ | |||
+ | Հանկարծ նա նկատեց, որ միսիս Ուիլյամսը, որի ծնունդը համեստաբար նշեցին մի քանի ժամ առաջ, քար կտրած նայում է ձեռքում սեղմած ամպուլային։ Վախը կաշկանդում էր նրան։ Ամուսինը, որ նստած էր կողքին, արդեն քնել էր։ Այնքան քաղաքավարի չէ կյանքի ընկերուհուն ճակատագրի քմահաճույքին թողնելը, մտածեց Պաթը։ | ||
+ | |||
+ | Մինչ նա կհասցներ մի որևէ բան հնարել, միջամտեց Սյուն։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք ինձ, միսսիս Ուիլյաս, ես սխալմամբ ձեզ դատարկ ամպուլա եմ տվել։ Թույլ տվեք ետ վերցնել․․․ | ||
+ | |||
+ | Ամեն ինչ արվեց պարզ ու մաքուր, ինչպես աճապարարը բեմի վրա։ Սյուն վերցրեց, կամ ձևացրեց, թե վերցնում է ամպուլան միսսիս Ուիլյամսի ուժասպառ ձեռքից, աննկատելիորեն դիպավ վախվորած կնոջ ենթադաստակին, ու նա քուն մտավ։ | ||
+ | |||
+ | Ուղևորների կեսը քնած է։ Անկեղծ ասած, Պաթը չէր սպասում, որ ամեն ինչ այդպես հարթ կընթանա։ Կոմոդորը իզուր էր անհանգստանում, «պատժիչ ջոկատը» պետք չեկավ։ | ||
+ | |||
+ | Նույն պահին նավապետ Հարրիսը հասկացավ, որ շտապել էր ուրախանալ։ Այո, կոմոդորը գիտեր, ինչ էր անում։ Միսս Մոռլին միակը չէր։ | ||
+ | |||
+ | |||
+ | Մոտ երկու տարի էր անցել այն օրից, երբ Լոուրենսը վերջին անգամ մտավ իգլուի մեջ։ Այն ժամանակ նա սկսնակ ինժեներ էր, աշխատում էր շինարարության վրա ու շաբաթներով ապրում էր իգլույում, մոռանալով, թե ինչպիսին են իսկական տան պատերը։ Իհարկե, այն ժամանակվանից ի վեր շատ բան է կատարելագործվել։ Այժմ մի ճամպրուկում պարունակվող կացարանում կարելի էր շատ հարմար տեղավորվել։ | ||
+ | |||
+ | Նրանց առաջ էր «Գյոդեր 20-ի» վերջին նմուշներից մեկը, վեց հոգանոց։ Իգլուում մնալու ժամանակը չի սահմանափակվում։ Միայն թե մատակարարվի էլեկտրականություն, ջուր, պարենամթերք և օդ, մնացածը կոմպլեկտի մեջ է մտնում։ Կոնստրուկտորները հոգ էին տարել նույնիսկ զվարճանալու մասին․ միկրոգրադարան, ռադիո և հեռուստաապարատուրա։ Ու դրանք ամենևին էլ ավելորդ շքեղություն չէին, ինչպես վերաքննիչներն էին պնդում։ Տիեզերքում ձանձրույթը կարող է բառիս ամենաիսկական իմաստով մահացու դառնալ։ Նա մեռցնում է ոչ այնքան արագ, ինչպես, ասենք, անսարքին օդամուղը, բայց նույնքան անվրեպ, ու մահը շատ ավելի սարսափելի կարող է լինել․․․ | ||
+ | |||
+ | Լոուրենսը կռացավ, մտավ օդասահանքի խցիկը։ Հիշեց հին իգլուները, որի մեջ պարզապես չորեքթաթ էին մտնում։ Սպասելով մինչև «ճնշումը հավասար է» ազդանշանը վառվեց, նա մտավ գլխավոր կիսագունդը։ | ||
+ | |||
+ | Միևնույն է թե ընկնես օդապարիկի մեջ՝ իսկ չէ որ ըստ էության այդպես էլ է հենց։ Նա տեսնում էր ներսի միայն մի մասը, կացարանը միջնորմ֊վարագույրներով բաժանված էր հատվածների։ (Նույնպես կատարելագործում․ առաջ միայն մի վարագույր առանձնացնում էր զուգարանը)։ Գլխավերևում, երեք մետր բարձրության վրա ճկուն էլեկտրաքուղերով կախված էին լույսերն ու արհեստական կլիմայի սարքերը։ Սահունորեն կորացող պատերի երկայնքով շարված էին մետաղե դարակներ։ Դեռևս լրիվ չեն ուղղված․․․ Մոտակա վարագույրի հետևում ինչ֊որ մեկը առանց շտապելու կարդում էր գույքի ցուցակը, մեկ ուրիշը մի քանի վայրկյան հետո պատասխանում էր՝ «կա»։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը բարձրացրեց վարագույրը ու հայտնվեց ննջարանում։ Երկհարկանի մահճակալները նույնպես դրված չեն ինչպես հարկն է։ Ասենք պետք էլ չէր․ այժմ ստուգում են, թե ամեն ինչ կա՞։ Ապա իգլուն կծալեն ու անմիջապես կտեղափոխեն փրկարար աշխատանքի վայրը։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը չխանգարեց։ Տաղտկալի զբաղմունք է, բայց անհրաժեշտ է (ի դեպ, Լուսնի վրա շատ այդպիսի գործեր կան)։ Ամենափոքր սխալը կարող է մարդու կենաց ու մահու հարց դառնալ։ | ||
+ | |||
+ | Երբ ստուգումն ավարտվեց, գլխավոր ինժեները հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Սա պահեստում եղած ամենամեծ իգլո՞ւն է։ | ||
+ | |||
+ | ― Ամենամեծը, որից կարելի է օգտվել, ― հաջորդեց պատասխանը։ ― Կա նաև «Գյուդեր 19» տասներկու հոգու համար, բայց արտաքին թաղանթի պատռվածքով, որը պետք է նորոգել։ | ||
+ | |||
+ | ― Ինչքա՞ն ժամանակ կպահանջի նորոգումը։ | ||
+ | |||
+ | ― Մի քանի րոպե։ Բայց պահեստից դուրս տալու համար, մենք այն պետք է տասներկու ժամ փորձարկենք ինչպես հարկն է։ | ||
+ | |||
+ | Երբեմն կանոնները սահմանողը ինքն է ստիպված լինում խախտել դրանք։ | ||
+ | |||
+ | ― Մենք չենք կարող այդքան սպասել։ Կրկնակի կարկատան փակցրեք ու արագ ստուգեցեք, թե օդ բաց չի՞ թողնում։ Եթե օդի կորուստը թույլատրելի սահմաններում է, բաց թողեք իգլուն։ Փաստաթղթերը ես կստորագրեմ։ | ||
+ | |||
+ | Մեծ ռիսկի չենք դիմում, բայց մեծ իգլուն կարող է պետք գալ։ Նա պետք է ցրտից ու վակուումից պաշտպանի քսաներկու մարդու, երբ նրանք մակերես դուրս գան։ Հո չի կարելի մինչև Պորտ֊Ռորիս նրանց սկաֆանդրում պահել։ | ||
+ | |||
+ | «Բիպ֊բիպ»՝ լսվեց Լոուրենսի ձախ ականջի վերևում։ Նա սեղմեց գոտու վրայի կոճակը։ | ||
+ | |||
+ | ― Ըրթսայդի գլխավոր ինժեները լսում է։ | ||
+ | |||
+ | ― Հաղորդում «Սելենից», ― զեկուցեց թույլ, բայց հստակ մի ձայն։ ― Հույժ շտապ, նրանց վիճակը բարդանում է։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ տասնիններորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Մինչև հիմա Պաթը ինչ֊որ չէր նկատել պատուհանի մոտ 3-Դ բազկաթոռի ուղևորին, որ նստած էր ձեռքները կրծքին խաչած։ Նույնիսկ ստիպված էր միտքը լարել, որպեսզի հիշի նրա ազգանունը։ Բիլդե՞ր, թե ինչ․․․ Չէ, Բալդուր, Հանս Բալդուր։ Առաջին հայացքից՝ հանգիստ ու կարգապահ զբոսաշրջիկի օրինակ։ | ||
+ | |||
+ | Ասենք հիմա էլ նա իրեն հանգիստ էր պահում, բայց արդեն չէր կարելի նրան օրինակելի համարել․ Բալդուրը քնած չէր։ Նա նստած էր անշարժ դեմքով, կարծես ոչինչ չէր տեսնում շրջապատում, ու միայն այտերն էին ցնցվում, մատնելով նրա վիճակը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք ինչի՞ եք սպասում, միստր Բալդուր, ― հարցրեց Պաթ Հարրիսը, ջանալով պահպանել հանգիստ տոնը։ Լավ է, որ կա մեկը, որի մոտ բարոյական ու ֆիզիկական աջակցություն կարող ես փնտրել․․․ Չի կարելի ասել, որ Բալդուրը նման էր շատ ուժեղ մարդու, բայց լուսնաբնակի մկանները կարող էին դավաճանել Պաթին, եթե բանը քաշքռտոցի հասներ։ | ||
+ | |||
+ | Բալդուրը միայն գլխով նշան արեց, շարունակելով համառորեն նայել պատուհանին, ― կարծես այնտեղ բացի սեփական արտացոլումից, ուրիշ այլ բան կարող էր տեսնել։ | ||
+ | |||
+ | ― Դուք չեք կարող ստիպել ինձ, որպեսզի ընդունեմ այս զիբիլը, ես հրաժարվում եմ, ― նկատելի շեշտով արտասանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ էլ ուզում ստիպել ձեզ, ― պատասխանեց Պաթը։ ― Բայց մի՞թե դուք չեք հասկանում, որ դա հենց ձեզ համար է արվում։ Նաև մյուսների համար։ Ի՞նչն է ձեզ խանգարում։ | ||
+ | |||
+ | Բալդուրը հապաղեց, ասես բառեր փնտրելով։ | ||
+ | |||
+ | ― Դա․․․ դա հակասում է իմ սկզբունքներին, ― վերջապես ասաց նա։ ― Այո, հենց այդպես։ Իմ կրոնը ինձ չի թույլատրում ներարկումներ կատարել։ | ||
+ | |||
+ | Պաթը մի ինչ֊որ տեղ լսել էր, որ պատահում են բծախնդիր մարդիկ նման հարցերում։ Իսկ Բալդո՞ւրը։ Ոչ, այդ մարդը ճիշտ չի խոսում։ Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | ― Թույլ կտա՞ք մի հարց տալ ձեզ, ― լսվեց մի ձայն Պաթի թիկունքում։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, միստր Հարդինգ, ― ասաց Պաթը, հուսալով, որ նա կփրկի դրությունը։ | ||
+ | |||
+ | ― Միստր Բալդուր, դուք ասում եք, ― սկսեց Հարդինգը այնպիսի տոնով, որ ասես շարունակում էր հարցաքննել միսսիս Շաստերին (ե՜րբ էր այդ), ― որ չեք կարող համաձայնել ոչ մի ներարկման։ Բայց չէ որ դուք լուսնաբնակ չեք, իսկ այստեղ ընկնել, շրջանցելով կարանտինային իշխանությունները, հնարավոր չէ։ Ինչպե՞ս եք դուք հաջողացրել խուսափել պարտադիր սրսկումներից։ | ||
+ | |||
+ | Բալդուրը անսպասելի կատաղությամբ ընդունեց հարցը։ | ||
+ | |||
+ | ― Ձեր գործը չէ, ― կոպիտ պատասխանեց նա։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, ― սիրալիր կերպով հաստատեց Հարդինգը։ ― Ես միայն ուզում էի օգնել, որպեսզի հանգամանքը պարզ լինի։ ― Նա մոտեցավ Բալդուրին ու ձախ ձեռքը մեկնեց առաջ։ ― Թույլ տվեք տեսնել ձեր պատվաստման վկայականը։ | ||
+ | |||
+ | «Է՜հ, սխալվեց», ― ինքն իրեն ասաց Պաթը։ Կարծես առանց սարքերի կարելի է կարդալ Միջմոլորակային բժկական վարչության վկայականներում մագնիտոգրանցումը։ Բավական է, որ Բալդուրը գլխի ընկնի, և․․․ Հա, ի՞նչ կանի նա այն ժամանակ։ | ||
+ | |||
+ | Սակայն Բալդուրը չհասցրեց ոչինչ անել։ Նա դեռ նայում էր Հարդինգի ձախ ափին, երբ վերջինս մի սրընթաց շարժում կատարեց աջ ձեռքով։ Պաթը նույնիսկ անմիջապես չհասկացավ, թե ինչ կատարվեց։ Հարդինգը վարվեց նույնպիսի ճարպկությամբ, ինչպես դրանից քիչ առաջ Սյուն միսսիս Ուիլյամսի նկատմամբ։ Ճիշտ է, նրա աջ ափի կողոսկրի հանդիպումը Բալդուրի վզի հետ շատ ավելի տպավորիչ էր։ Խորամանկ էր արված՝ թեև Պաթ Հարրիսին նման խորամանկությունը դուր չէր գալիս։ | ||
+ | |||
+ | ― Դա նրան մի տասնհինգ րոպե կհանգստացնի, ― անփութորեն ասաց Հարդինգը, նայելով բազկաթոռին ընկած Բալդուրին։ ― Տվեք խնդրեմ ամապուլան․․․ Շնորհակալություն։ | ||
+ | |||
+ | Ու նա ամպուլան սեղմեց արդեն իր հարվածից ուշաթափված ըմբոստի ձեռքին։ | ||
+ | |||
+ | Ես նորից սանձը բաց թողեցի ձեռքիցս, մտածեց Պաթը։ Նա Հարդինգին շնորհակալ է կարգ ու կանոն հաստատելու համար, բայց ավելի լավ կլիներ այլ կերպ արվեր այդ բանը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է նշանակում այս ամենը, ― անվստահ հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | Հարդինքը քշտեց Բալդուրի ձախ թևքը ու շրջեց նրա թևը։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ք թե ինչ է սա, ― ցածրաձայն հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | Պաթը գլխով արեց։ Պառավ Երկրի արատները մինչև Լուսին էին հասել տարբեր արագությամբ, բայց և այնպես հասել էին։ | ||
+ | |||
+ | ― Զարմանալի չէր, որ խեղճը չէր ուզում խոստովանել։ Նրան զզվանք էին ներշնչել սրսկումների հանդեպ։ Նշաններից դատելով, բուժումը բոլորովին վերջերս է սկսվել։ Հուսով եմ, որ ես գործը ամբողջովին չեմ փչացրել։ Ոչինչ, միայն թե կենդանի մնա։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչպե՞ս է նա կարանտինն անցել։ | ||
+ | |||
+ | ― Նրա նմանների համար հատուկ բաժին կա։ Բժշկական գաղտնիք է․ սրսկում անելու համար հիպնոսացումը ժամանակավորապես վերացնում է ներշնչված արգելքը։ Այս թմրամոլները ավելի շատ են, քան կարծում եք, իսկ լուսնային ճանապարհորդությունը մտնում է բուժման կուրսի մեջ։ Այսպես ասած, միջավայրի փոփոխում։ | ||
+ | |||
+ | Պաթը էլի որոշ բաներ էր ուզում պարզաբանել, բայց նրանք առանց այդ էլ քիչ թանկարժեք րոպեներ չէին կորցրել։ Փա՜ռք աստծո, բոլոր ուղևորները, բացի «կարգի պահապաններից»՝ արդեն խորասուզվել էին քնի մեջ։ Ըստ երևույթին, ձյուդոյի (կամ թե էլ ինչպես է կոչվում) դիտողական դասը օգուտ տվեց․․․ | ||
+ | |||
+ | ― Ես այլևս պետք չե՞մ ձեզ, ― հազիվ ժպտալով ասաց Սյուն։ ― Ցը՝, Պաթ։ Երբ ամեն ինչ կավարտվի, արթնացրու ինձ։ | ||
+ | |||
+ | ― Երբ ավարտվի, կարթնացնեմ, ― խոստացավ նա, խնամքով իջեցնելով նրան հատակին, բազկաթոռների միջև։ Ու ավելացրեց, տեսնելով, որ Սյուի աչքերը փակվեցին։ ― Կամ երբեք։ | ||
+ | |||
+ | Պաթը մի քանի վայրկյան նայեց նրան, ապա իրեն հավաքելով՝ վեր կացավ։ Նա ձեռքից բաց թողեց հնարավորությունը Սյուին ասելու այն ամենը, ինչ ուզում էր։ Եվ, կարող է պատահել, մեկընդմիշտ։ | ||
+ | |||
+ | Կոկորդը չորացել էր, ջղաձգորեն թուքը կուլ տալով, նավապետ Հարրիսը դարձավ դեպի արթուն հնգյակը։ Մի հարց ևս պետք է լուծվեր, ու Դեվիդ Բարրետը չհապաղեց խոսել դրա մասին։ | ||
+ | |||
+ | ― Դե, նավապետ, ― ասաց նա։ ― Մի ստիպեք մեզ գուշակել․․․ Ո՞ւմ եք ընտրելու ձեզ ընկեր։ | ||
+ | |||
+ | Պաթը մի֊մի ամպուլա տվեց յուրաքանչյուրին։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ բոլորիցդ օգնության համար, ― պատասխանեց նա։ Իսկ ձեր հարցին․․․ Գիտեմ, որ կարող է մելոդրամա թվալ, բայց այդպես ավելի լավ կլինի․ այդ հինգ ամպուլայից միայն չորսն է լցված։ | ||
+ | |||
+ | ― Հուսով եմ, այդ թվում և իմս, ― ասաց Բարրետը։ | ||
+ | |||
+ | Նա չսխալվեց։ Հարդինգը, Բրայենը, Յոխանսոնը նույնպես վայրկենաբար քնեցին։ | ||
+ | |||
+ | ― Պարզ է, ― ասաց դոկտոր Մըքենզին։ ― Ես պետք է առաջնորդեմ։ Զգացված եմ ձեր ընտրությունից։ Թե՞ պատահաբար ստացվեց։ | ||
+ | |||
+ | ― Մինչև ձեզ պատասխանելը, ― ասաց Պաթը, ― հարկավոր է Պորտ֊Ռորիսին զեկուցել, թե ինչ կատարվեց մեզ մոտ։ | ||
+ | |||
+ | Նավապետ Հարրիսի հակիրճ զեկուցումը իրարանցում առաջ բերեց Պորտ֊Ռորիսում։ Քիչ անց միացավ գլխավոր ինժեներ Լոուրենսը։ | ||
+ | |||
+ | ― Դուք ճիշտ եք վարվել, ― ասաց նա, ― լսելով Պաթին։ ― Նույնիսկ եթե ամեն ինչ կարգին գնա, հինգ ժամից շուտ մենք չենք հասնի ձեզ։ Կդիմանա՞ք։ | ||
+ | |||
+ | ― Երկուսիս համար երաշխավորում եմ, ― պատասխանեց Պաթը։ ― Մենք ունենք սկաֆանդրի մի թթվածնի բաք։ Բայց արի ու տես, որ ուղևորները․․․ | ||
+ | |||
+ | ― Մի բան է ձեզ մնում անելու․ հետևել նրանց շնչառությանը, ու երբ պետք է՝ կազդուրել նրանց մի կում թթվածնով։ Մենք այստեղ ամեն ինչ կանենք։ Էլ ի՞նչ ունեք։ | ||
+ | |||
+ | Պաթը մի քանի վայրկյան մտածեց։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ, ― հոգնաբեկ պատասխանեց նա։ ― Յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ կկապվեմ ձեզ հետ։ Վերջ։ | ||
+ | |||
+ | Նա դանդաղ վեր կացավ տեղից, հոգնածությունն ու ածխածնային թունավորումը զգալ էին տալիս, և դիմեց Մաքըենզիին․ | ||
+ | |||
+ | ― Դոկտոր, օգնեցեք ինձ սկաֆանդրը քանդել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես բոլորովին մոռացել էի նրա մասին, այ թե հիշողություն է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես վախենում էի, որ ուղևորներից մեկն ու մեկը կհիշի այն։ Նրանք չէին կարող չտեսնել այն օդասահանքի խցիկից անցնելիս։ Դե այդպես է, մարդ չի տեսնում այն, իր քթի տակ է։ | ||
+ | |||
+ | Ընդամենը հինգ րոպե պահանջվեց կլանիչներով բանկաներն ու մեկօրյա թթվածնի պաշարով բաքը սկաֆանդրից անջատելու համար։ Շնչառական ապարատը այնպես էր պատրաստված, որ հարկ եղած դեպքում հեշտությամբ քանդվեր ու ծառայեր արհեստական շնչառություն տալու նպատակին։ Քանիերորդ անգամ Պաթը մտովի պատշաճն էր հատուցում «Սելեն» ստեղծող ինժեներների հնարամտությանն ու հեռատեսությանը։ Դեռևս որոշ բաներ կարելի է կատարելագործել, փոքրիկ բացթողումներ կան, բայց դրանք դատարկ բաներ են։ | ||
+ | |||
+ | Մետաղե գորշավուն բաքում մի ամբողջ օրվա կյանք կար։ Երկուսն էլ՝ փոշեգնացում մնացած միակ արթուն մարդիկ, միմյանց նայեցին և գրեթե միաժամանակ ասացին․ | ||
+ | |||
+ | ― Սկզբում դուք։ | ||
+ | |||
+ | Զուսպ քմծիծաղ տվեցին, ապա Պաթը ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լավ, չեմ առարկի։ | ||
+ | |||
+ | Ու դիմակը տարավ դեպի բերանը։ | ||
+ | |||
+ | Թթվածին․․․ կարծես զով ծովազեփյուռը ամառային տոթից հետո կամ լեռնային սոճիների շունչը՝ խուժեց այն անձուկի լճացած օդի մեջ։ Առանց շտապելու Պաթը չորս անգամ խոր ներշնչեց, ուժեղ արտաշնչելով, որպեսզի թոքերը մաքրի ածխաթթու գազից։ Եվ ասես խաղաղության չիբուխ՝ շնչառական ապարատը մեկնեց Մըքենզիին։ | ||
+ | |||
+ | Այդ չորս ներշնչումը վերականգնեց նավապետի ուժերը և ոչնչացրեց այն սարդոստայնը, որ արդեն սկսել էր պատել նրա ուղեղը։ Թե՞ այդ ուղղակի հոգեբանական ներգործություն էր։ Արդյո՞ք մի քանի խորանարդ սանտիմետր թթվածինն այպիսի ուժեղ ազդեցություն կարող է ունենալ։ Ինչպես էլ լինի, նա իրեն նոր մարդ զգաց։ Հինգ ժամ կարելի է դիմանալ, նույնիսկ շատ։ | ||
+ | |||
+ | Տասը րոպե անց Պաթը բոլորովին զվարթացավ․ քնածները շնչում էին նորմալ՝ դանդաղ, բայց հավասար։ Յուրաքանչյուրին մի փոքր թթվածին հրամցնելուց հետո, նա նորից կանչեց Խարսխակայանը։ | ||
+ | |||
+ | ― Ես «Սելենն» եմ, զեկուցում է նավապետ Հարրիսը։ Մենք դոկտոր Մըքենզիի հետ լավ ենք զգում մեզ, ուղևորները նույնպես։ Թողնում եմ ընդունման վրա, նորից կկապվեմ պայմանավորված ժամին։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ հասկացա։ Մի քիչ սպասեցեք, ձեզ հետ ուզում են խոսել գործակալությունների ներկայացուցիչները։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, ― պատասխանեց Պաթը, ― ես արդեն հաղորդեցի ինչ կարող էի, ու ես պատասխանատում եմ քսան հոգու համար։ «Սելենն» ավարտեց։ | ||
+ | |||
+ | Իհարկե, դա սոսկ պատրվակ էր, և ընդ որում քիչ համոզիչ։ Պաթ Հարրիսը ինքն էլ չհասկացավ, թե ինչու այդ բանն արեց։ Այնպես, հանկարծ ինքն իրեն զայրացավ, մի բան, որ հատուկ չէր նրան․ «Չեն թողնում հանգիստ մեռնես»։ Եթե Պաթը գիտենար, որ մի հինգ կիլոմետրի վրա կազմ ու պատրաստ կանգնած է հեռուստատեսային կամերան, նա հավանաբար, ավելի խիստ կասեր։ | ||
+ | |||
+ | ― Դուք իմ հարցին չպատասխանեցիք, նավապետ, ― համբերատարորեն հիշեցրեց դոկտոր Մըքենզին։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ հարց։ Ախ, հա՜։ Ոչ, պատահական չէր։ Մենք կոմոդորի հետ որոշեցինք, որ բոլոր ուղևորներից դուք բոլորից շուտ նկատեցիք գերտաքացման վտանգը՝ ու գաղտնի պահեցիկ մինչև մենք չհարցրինք ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Պարզ է, կաշխատեմ արդարացնել վստահությունը։ Ես այժմ շատ առույգ եմ զգում ինձ։ Ըստ երևույթին, թթվածինը խթանում է։ Հարցը միայն նրանում է, թե արդյոք երկար կտեվի՞ այդ։ | ||
+ | |||
+ | ― Եթե երկուսիս հաշվենք՝ տասներկու ժամ։ Այդ ժամանակամիջոցում փոշեսահնակները պետք է որ հասնեն։ Բայց, ըստ երևույթին, մենք պետք է թթվածնի մեծ մասը հատկացնենք մյուսներին․․․ Կարող է չբավականացնի․․․ | ||
+ | |||
+ | Նրանք նստած էին հատակին, ծալապատիկ, նավավարի բազկաթոռի մոտ, բաքը գտնվում էր երկուսի միջև։ Մերթ մեկը, մերթ մյուսը՝ երեսին էին մոտեցնում դիմակը։ Երկու անգամ ներշնչում էին՝ և վերջ։ «Երբեք մտքովս չէր անցնի, ― ինքն իրեն ասաց Պաթը, ― որ կդառնամ տիեզերական կյանքից վերցրած հեռուստատեսային ներկայացումների ամենատափակ տեսարանի մասնակից»։ Ցավոք սրտի, դա շատ հաճախ էր պատահում իրականում, որպեսզի զվարճալի թվար։ Մանավանդ, երբ ինքդ ես ընկել դժվար կացության մեջ։ | ||
+ | |||
+ | Բավական էր ձեռք քաշել մնացածներից՝ և երկուսն էլ (կամ համենայն դեպս, նրանցից որևէ մեկը) կարող էին փրկության հույս ունենալ։ Արդյո՞ք այնպես չի ստացվի, որ փորձելով փրկել իրենց քսան ընկերներին, նրանք իրենց ևս կկործանեն։ | ||
+ | |||
+ | Տրամաբանությունը ընդդեմ խղճի։ Վիճաբանությունը ամենևին էլ նոր չէ, միայն տիեզերական դարին հատուկ, այլ նույնքան հին, որքան մարդկությունը։ Ինչպես հաճախ անցյալում՝ բոլորից կտրված, մարդկանց խմբերը ընկնում էին ջրի, ուտելիքի կամ տաքության բացակայությունից մեռնելու վտանգի մեջ։ Հիմա թթվածինը չի բավարարում, բայց էությունը նույն է։ | ||
+ | |||
+ | Երբեմն ոչ ոք կենդանի չէր մնում, երբեմն փրկվում էին մի բուռ մարդիկ, որոնք մինչև մահ ինքնարդարացում էին փնտրում։ Ի՞նչ էր մտածում «Էսսեքս» կետորս նավի նավապետ Ջորջ Պալլարդը, երբ մարդակերության մեղքը վզին քայլում էր Նանտուկետի փողոցներով։ Պաթը չէր լսել երկու հարյուր տարի առաջ տեղի ունեցած այդ պատմությունը․ աշախարհը, ուր նա ապրում էր, խիստ զբաղված էր սեփական առասպելների ստեղծումով, որպեսզի ավանդություններ փոխ առներ Երկրից։ | ||
+ | |||
+ | Սակայն Պաթ Հարրիսը վճիռը կայացրել էր։ Եվ նա գիտեր, որ Մըքենզին նույնպես այլ ընտրություն չուներ։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը չէին կարող մի վերջին կում թթվածնի համար սպանել ընկերոջը։ Իսկ եթե բանը հասնի ընդհարման․․․ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ եք ժպտում, ― հարցրեց Մըքենզին։ | ||
+ | |||
+ | Պաթը թուլացրեց ակամա լարված մկանները։ Այդ թիկնեղ ավստրալիացի գիտնականի տեսքն անգամ ջերմություն ու հանգստություն էր ներշնչում։ Նա միանգամայն նման էր Հանստենին, թեև շատ ավելի երիտասարդ կոմոդորից։ Կան այնպիսի մարդիկ, որոնք իսկույն հավատ են ներշնչում քեզ, զգում ես, որ կարելի է ապավինել նրանց։ | ||
+ | |||
+ | ― Ինչ մեղքս թաքցնեմ, ― ասաց Պաթը, հատակին դնելով դիմակը, ― ես մտածում էի այն մասին, որ հազիվ թե կարողանայի ձեզ խանգարել, եթե որոշեիք բաքը ձեզ վերցնել։ | ||
+ | |||
+ | Մըքենզիի դեմքը տարակուսանք էր արտահայտում, ապա նա ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Դա ձեր, լուսնաբնիկներիդ թույլ կողմն է․․․ | ||
+ | |||
+ | ― Այդ ինձ չի վերաբերում ամենևին, ― առարկեց Պաթը։ ― Այնուամենայնիվ, ուղեղը ուժից կարևոր է, ու բացի այդ իմ մեղքը չէ, որ ես մեծացել եմ տիեզերական այսպիսի ձգողականության դաշտում, որը վեց անգամ թույլ է ձերինից։ Ի դեպ, ինչպե՞ս որոշեցիք, որ ես տեղացի եմ։ | ||
+ | |||
+ | ― Նախ, ձեր մարմնի կազմվածքից։ Բոլոր լուսնաբնակները բարձրահասակ ու նիհար են։ Ու մաշկի գունից․ ոչ մի կվարցե լամպ չի կարող փախարինել իսկական արևին։ | ||
+ | |||
+ | ― Ասնեք դուք էլ պակաս արևկիզուք չունեք, ― քմծիծաղ տվեց Պաթը։ ― Գիշերը չի կարելի նկատել ձեզ՝ մինչև չդիպչես։ Ի միջի այլոց, որտեղի՞ց է ձեզ այդպիսի ազգանունը՝ Մըքենզի։ | ||
+ | |||
+ | Պաթ Հարրիսը միայն լսել էր ռասայական նախապաշարումների մասին, որոնք դեռ լիովին չէին վերացել Երկրի վրա, ու այդ պատճառով էլ հարցրեց միանգամայն հանգիստ, առանց որևէ հետին մտքի։ | ||
+ | |||
+ | ― Միսիսոներներն են դրանով երջանկացրել իմ պապիս, երբ մկրտել են նրան։ Չեմ կարծում, որ այդ ազգանվան մեջ որևէ ակնարկություն լինի իմ ը֊ը․․․ ծագման մասին։ Որքան ինձ հայտնի է, ես անդրա եմ։ | ||
+ | |||
+ | ― Անդրա՞․․․ | ||
+ | |||
+ | ― Անդրածին՝ տեղաբնակ։ Մեր ժողովուրդը բնակվել է Ավստրալիայում մինչև սպիտակամորթների գալը։ Հետագա իրադարձությունները բավականին տխուր են եղել։ | ||
+ | |||
+ | Պաթը շատ անտեղյակ էր երկրային պատմությանը․ լուսնաբնիկներից շատերի նման նա գտնում էր, որ մինչև 1967 թվականի նոյեմբերի 8֊ը, երբ ռուսները այնպիսի շուքով տոնեցին իրենց հեղափոխության հիսնամյակը, ընդհանրապես խոշոր իրադարձություններ չեն եղել։ | ||
+ | |||
+ | ― Երևի պատերա՞զմ սկսվեց։ | ||
+ | |||
+ | ― Ինչ պատերազմ, ինչ բան․․․ մեր ունեցածը նիզակն ու բումերանգն էր, իսկ նրանք՝ հրացանով էին։ Իսկ թոքախտն ու վեներական հիվանդությոննե՞րը․․․ Հարյուր հիսուն տարի պահանջվեց մինչ խելքներս գլուխներս կգար այդ հարվածից։ Միայն հազար ինը հարյուր քառասուն թվականից հետո տեղաբնիկների թիվը սկսեց աճել։ Այժմ մեր թիվը հարյուր հազար է, գրեթե այնքան, որքան կայինք, երբ ձեր նախնիները շնորհ արին մեզ։ | ||
+ | |||
+ | Մըքենզին այս տեղեկությունները հայտնեց հեգնական ու անվրդով, առանց փոքր֊ինչ կշտամբանքի, սակայն, այնուամենայնիվ, Պաթը որոշեց իր վրայից գցել պատասխանատվությունը իր երկրային նախապապերի չարագործությունների համար։ | ||
+ | |||
+ | ― Ինձ մի նախատեք այն բաների համար, ինչ տեղի են ունեցել Երկրի վրա, ― ասա նա։ ― Ես երբեք չեմ եղել այնտեղ ու չեմ լինի՝ ձգողականությանը չեմ դիմանա։ Բայց ես շատ անգամ եմ հեռադիտակով տեսել Ավստրալիան։ Հոգով ես կապված եմ այդ երկրին․ իմ ծնողները տիեզերք են թռել Վումերայից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ իմ նախնիներն են այդպես կոչել նրան․ «վումերա»՝ պարսատիկ տեգ նետելու համար։ | ||
+ | |||
+ | ― Ձեր ժողովրդի մեջ կա՞ն այնպիսիսները, ― Պաթը բծախնդրորեն ընտրում էր բառերը, ― որոնք դեռ նախնադարյան պայմաններում են ապրում։ Կարծեմ Ասիայի որոշ շրջաններում։ | ||
+ | |||
+ | ― Հին տոհմային կացութձևը չքվել է։ Դա բավականին արագ կատարվեց, հենց որ աֆրիկյան պետությունները սկսեցին Ավստրալիային քննադատել ՄԱԿ֊ում։ Իհարկե, ոչ միշտ արդարացի, ըստ իս, ես չէ՞ որ նախ ավստրալիացի եմ, ապա նոր անդրածին․․․ Եվ պետք է խոստովանել, իմ սպիտակամորթ հայրենակիցները հաճախ շատ հիմար էին պահում իրենց։ Օրինակ, մտային տեսակետից մեզ համարում էին ոչ լիարժեք։ Մինչև անցյալ դարի վերջերը նրանցից ոմանք մեզ վրա նայում էին որպես քարի դարի վայրենիների։ Անվիճելի է, որ մեր նյութական մշակույթը հիրավի նախնադարյան էր, բայց մարդկանց մասին այդ բանը չէր կարելի ասել։ | ||
+ | |||
+ | Թվում էր, թե «Սելենից»՝ ժամանակի ու տարածության առումով այդքան հեռու ընկած մի ապրելակերպի շուրջը սկսված նման խոսակցությունը տեղին չէր։ Բայց Պաթը տարօրինակ ոչինչ չէր տեսնում դրանում։ Հինգ ժամ, եթե ոչ ավելի, նա և Մըքենզին պետք է քունները փախցնեն ու աչքները պահեն քսան հոգու վրա։ Հարկավոր էր մի կերպ զբաղեցնել միմյանց։ ― Բայց եթե ձեր ժողովուրդը նախնադարյան չէր ― ձեզ ոչ մի կերպ վայրենի չես ասի, ― որտեղի՞ց էին սպիտակամորթները այդ բանը վերցրել։ | ||
+ | |||
+ | ― Սովորական հիմարություն՝ ավելացրած նախապաշարումն ու կանխակալությունը։ Շատ հեշտ է սահմանափակ անվանել այն մարդուն, որը չի կարողանում անգլերեն հաշվել, գրել ու մաքուր խոսել։ Օրինակի համար հեռու գնալու հարկ չկա։ Իմ պապը, առաջին Մըքենզին, ապրեց մինչև երկու հազար թիվը, բայց կարողանում էր հաշվել մինչև տասը։ Իսկ Լուսնի լրիվ խավարումը նա այսպես էր նկարագրում․ «Հիսուս Քրիստոսի նավթի լամպը բոլորովին թեքվեց»։ Լուսնի ուղեծրային շարժումը ես կարող եմ արտահայտել դիֆերենցիալ հավասարումներով, բայց դա չէր նշանակի, թե ես պապիցս խելոք եմ։ Եթե փոխենք մեր ապրած ժամանակները՝ կարող է պատահել, որ նա ավելի լավ ֆիզիկոս դառնար, քան ես։ Տարբեր պարագաներ ու հնարավորությունները, ահա թե բանն ինչումն է։ Պապիս համար առիթ չէր ներկայացել, որպեսզի հաշել սովորեր։ Հարկ չի եղել, որպեսզի ես ընտանիք պահեմ անապատում՝ հեշտ աշխատանք չէ, և պահանջում է մեծ ձեռնահասություն։ | ||
+ | |||
+ | ― Թերևս, ձեր պապի ունակություններից որոշ բան մեզ պետք գար այստեղ, ― մտախոհ ասաց Պաթը։ ― Մեզ համար ըստ էության խնդիրը միևնույնն է՝ գոյությունը պահպանել անապատում։ | ||
+ | |||
+ | ― Այդ համեմատությունը կարծես սազում է․․․ Թեև հազիվ թե մենք օգուտ ունենայինք բումերանգից ու կրակ առաջացնելու փայտիկներից։ Գուցե մոգական արարողություննե՞րը։ Ավա՜ղ, ես չգիտեմ դրանք։ Եվ բացի այդ կասկածում եմ, որ Արնհեմլենդի ցեղային աստվածների իշխանությունը տարածվի մինչև Լուսին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք երբեք չե՞ք ափսոսել ձեր ժողովրդի սովորույթների ու բարքերի կորստի համար, ― շարունակեց Պաթը։ | ||
+ | |||
+ | ― Կարելի՞ է արդյոք ափսոսալ մի բանի համար, որը չգիտես։ Հաշվիչ մեքենայի վրա ես սովորել եմ աշխատել շատ ավելի շուտ, քան երբ առաջին անգամ տեսա Կորրոբորին․․․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչը։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է կոչվում ցեղային ծիսական պարերից մեկը։ Ի դեպ, կատարողների կեսը ազգագրագետ ուսանողներ էին։ Այնպես որ, ես ռոմատիկ պատրանքներ չեմ տածում նախնադարյան կյանքի ու ազնվաբարո վայրենիների նկատմամբ։ Իմ նախնիները հիանալի մարդիկ էին, ես ամենևին չեմ ամաչում նրանց համար, բայց աշխարհագրական պայմանները նրանց փակուղի էին մտցրել։ Բոլոր ուժերը տվեցին, որպեսզի մի կերպ ապրեն, քաղաքակրթության համար ոչինչ արդեն չմնաց։ Եվ ինչ որ իմաստով նույնիսկ լավ է, որ սպիտակամորթները եկան, չնայած մեզ թունավորված ալյուր վաճառելու նրանց սքանչելի սովորությանը՝ երբ նրանց հարկավոր էր մեր հողը։ | ||
+ | |||
+ | ― Թունավորված ալյո՞ւր։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ինչո՞ւ եք զարմանում։ Դա Օսվենցիմից հարյուր տարի առաջ էր։ | ||
+ | |||
+ | Մըքենզիի խոսքերը խորհրդածությունների առիթ տվեցին Պաթին։ Վերջապես նա ժամացույցին նայեց ու ակներև թեթևությամբ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Խարսխակայանի հետ կապվելու ժամանակն է։ Նախ եկեք ստուգենք, թե ինչպես են ուղևորները։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսաներորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Փչովի իգլուն ու մյուս հնարամտությունները, որոնք հնարավորություն են ընձեռում հարմարավետ ապրելու Ծարավի ծովի վրա, կսպասեն, ինքն իրեն ասաց Լոուրենսը։ Հիմա հարկավոր է օդամուղը իջեցնել փոշեգնաց։ Այնպես որ, ինժեներներն ու տեխնիկները ստիպված կլինեն չարչարվել սկաֆանդրերով։ Ասենք նրանց տանջանքը երկար չի տևի։ Եթե հինգ֊վեց ժամում չհասցնեն, կարելի է ետ դառնալ, «Սելենը» թողնելով նույն անունը կրող աշխարհի թագավորությունում․․․ | ||
+ | |||
+ | Պորտ֊Ռորիսի արհեստանոցներում հանկարծաստեղծման չտեսնված ու անկրկնելի հրաշքներ էին կատարվում։ Քանդում ու սահնակներն էին բեռնում օդամաքրիչ հարմարանքը, ներառյալ հեղուկ թթվածնով բալոնները, խոնավության ու ածխաթթու գազի կլանիչները, ջերմաստիճանի ու ճնշման կարգավորիչները։ Նույնպես էին վարվում հորատման հաստոցի հետ, որը տեղական հրթիռով այստեղ էին բերել Կլավիից, ուր ապրում էին երկրաբան֊ֆիզիկոսները։ Բեռնեցին նաև հատկուկ ընտրված խողովակներ։ Վատ կլինի, եթե նրանք չհարմարվեն, կատարելագործելու ժամանակ չի լինի․․․ | ||
+ | |||
+ | Լոուրենսը չէր շտապեցնում մարդկանց։ Նա գիտեր, որ դրա կարիքը չկար։ Գլխավոր ինժեները ստվերում կանգնած՝ հետևում էր հանդերձանքի բեռնմանը, փորձելով կանխատեսել բոլոր հնարավոր անակնկալները։ Ի՞նչ գործիք պետք կգա։ Կբավականացնե՞ն արդյոք պահեստամասերը։ Ավելի լավ չէ՞ր լինի վերջում բեռնել տախտակամածը, որպեսզի առաջինը իջեցնել այն։ Վտանգավոր չի՞ լինի արդյոք թթվածին մղել «Սելեն» մինչև արտածծող խողովակի հարմարեցնելը։ Այս և հարյուրավոր նման հարցեր՝ երկրորդական, թե կարևոր, եռում էին նրա գլխում։ Մի քանի անգամ նա տեխնիկական տեղեկություններ հարցրեց․ ինչպիսի՞ն է ճնշումը խցում, ինչպիսին է ջերմաստիճանը, արդյոք չի՞ պոկվել խցի վթարային կափույրը (պարզվեց, որ ոչ, բայց ըստ երևույթին, փոշին փակել էր այն), որտեղ ծակել տանիքը։ Ու գնալով Պաթի համատ խոսելը դժվարանում էր․․․ | ||
+ | |||
+ | Պորտ֊Ռորիսը վխտում էր ռեպորտյորներով, որոնք զավթել էին Երկրի ու Լուսնի մեջ եղած ռադիո և հեռուստակայանների կեսը։ Բայց գլխավոր ինժեները կտրականապես հրաժարվեց զրուցել նրանց հետ, և միայն սահմանափակվեց կարճ հայտարարություն անելով այն մասին, թե ինչ է կատարվել ու ինչ է նախապատրաստվում անել։ Մամուլի և ռադիոյի համար հայտարարություններ անելը՝ ադմինիստրացիայի ներկայացուցիչների գործն է։ Նրանք պարտավոր են հոգ տանել, որպեսզի նրան չխանգարեն աշխատել։ Լոուրենսը այդպես էլ ասաց «Լուսնաշրջիկի» պետին, ու չլսելով առարկությունները, լսափողը ցած դրեց։ | ||
+ | |||
+ | Գլխավորը բնականաբար ժամանակ չուներ նայել հեռուստաէկրանին, բայց նրան լուր հասավ, որ դոկտոր Լոուսոնը արդեն հասցրել է հռչակվել իր կծու լեզվով։ Երևում է, «Ինթերփլանիթ Նյուսի» թղթակիցը, որին Լոուրենսը հանձնարարեց աստղագետին, ժամանակ չէր կորցնում։ Ըստ երևույթին, այդ երիտասարդը այժմ շատ ուրախ է, որ իր բախտը բերել է․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | Բայց «այդ երիտասարդը» ամենևին էլ ուրախ չէր։ Անմատչելիության լեռներին հեծած (նա շատ գեղեցիկ կերպով հերքեց այդ ամենը) Մորիս Սպենսերին հանկարծ պատեց մի անակնկալ կսկիծ, որից մինչ այդ հաջողությամբ խուսափում էր։ Հարյուր հազար ստոլլար է ծախսվել «Աուրիգան» այստեղ քարշ տալու համար, ― կարծես անտեղի։ | ||
+ | |||
+ | Ամեն ինչ վերջացած կլինի, մինչև փոշեսահնակները տեղ հասնեն․․․ Չլսված ու չտեսնված փրկարար օպերացիան, որը էկրաններին կգամեր միլիարդավոր հեռուստադիտողների, տեղի չի ունենա։ Քչերը կլինեին, որ չէին ցանկանա տեսնել, թե ինչպես են մահվան ճանկերից պոկում քսաներկու հոգու, իսկ ո՞վ կուզենա տեսնել, թե ինչպես են գերեզմաից դիակներ հանում․․․ | ||
+ | |||
+ | Այսպիսի դատողություններ էր անում թղթակից Սպենսերը։ Նա իսկապես խորապես ցնցված էր։ Սարսափելի է նստել լեռան վրա, ընդամենը հինգ կիլոմետրի վրա այնտեղից, ուր հասունանում է ողբերգությունը, որը անկարող ես կանխել։ Նա տառացիորեն ամաչում էր իր յուրաքանչյուր շնչից, մտածելով, որ «Սելենի» ուղևորները խեղդվում են օդի պակասությունից։ Նորից ու նորից նա մտածում էր, թե արդյոք «Աուրիգան» չի կարող օգնել որևէ բանով (այ թե նյութ կլիներ թերթերի համար)։ Ավա՜ղ, նրանց վիճակված էր միայն դիտել, այդ անողոք Ծարավի ծովը կխափանի լուսնագնացին օգնության հասնելու նրանց ամեն մի փորձ։ | ||
+ | |||
+ | Սպենսերը նախկինում էլ առիթ էր ունեցել ռեպորտաժ տալ դժբախտության վայրերից։ Բայց այս անգամ (զզվելի միտք) նա իրեն վամպիր էր զգում։ | ||
+ | |||
+ | |||
+ | «Սելենում» լռություն էր։ Այնպիսի լռություն, որ քունը հաղթահարելու համար պետք էր մեծ ճիգ գործադրել։ Իսկ ինչքան լավ կլիներ քնել, երանելի թմրության մեջ ընկնել բոլորի հետ միասին․․․ Պաթը ուղղակի նախանձում էր քնածներին։ Սպառվող թթվածնի մեկ֊երկու կում՝ ու նրա միտքը պարզվեց, բայց դրանից միայն ավելի դառնացավ նրա հոգին։ | ||
+ | |||
+ | Նա, իհարկե, մենակ չէր հաղթահարի նինջը ու չէր կարող հետևել քսան քնածներին, թթվածին տալ նրանց, ում մոտ չնչարգելության նշաններ երևային։ Նա և Մըքենզին ապահովագրում էին միմյանց, մեկը մյուսին օգնում էր քունը փախցնելու։ | ||
+ | |||
+ | Անեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե թթվածնի միակ բալոնը վերջանալու վրա չլիներ։ Իսկ հիմնական ցիստերռններում շատ հեղուկ թթվածին կա, բայց ինչ արած, դժվար է նրանց հասնելը․․․ Գոլորշացուցիչների միջոցով ավտոմատ սիստեմը հավասարաչափ կերպով խուց է մղում հեղուկ թթվածին, որը սակայն իսկույն խառնվում է ապականված օդին։ | ||
+ | |||
+ | Պաթը չէր պատկերացնում, որ ժամանակը այդքան դանդաղ կարող էր ընթանալ։ Միթե ընդամենը չորս ժամ է անցել նրանց հերթապահ կարգվելուց ի վեր։ Պաթ Հարրիսը կարող էր երդվել, որ արդեն մի քանի օր է անցել այդ պահից․ ցածրաձայն զրույցը Մըքենզիի հետ, յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ Պորտ֊Ռորիսի հետ կապվելը, ուղևորների շնչառության ու զարկերակի ստուգումը, թթվածնի ժլատ կումերը․․․ | ||
+ | |||
+ | Բայց ամեն ինչ վերջ է ունենում։ Այն աշխարհից, որը նորից տեսնելու հույսը նրանք արդեն կորցրել էին, ռադիոյով ստացվեց երկար սպասած լուրը։ | ||
+ | |||
+ | ― Մենք գալիս ենք ձեզ մոտ, ― հայտնեց գլխավոր ինժեներ Լոուրենսը։ Չնայած հոգնածությանը, նրա ձայնը խրոխտ էր։ ― Մի ժամ ևս դիմացեք․․․ Ինչպե՞ս եք զգում ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Լավ հոգնել ենք, ― դանդաղ ասաց Պաթը։ ― Բայց մենք կդիմանանք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ուղևորնե՞րը։ | ||
+ | |||
+ | ― Նույնպես։ | ||
+ | |||
+ | ― Լավ։ Յուրաքանչյուր տասը րոպեն մեկ կկանչեմ ձեզ։ Ընդունիչը մի անջատեք, թող աշխատի լրիվ կարողությամբ։ Այստեղ բժիշկները ինչ֊որ բան են մտածել, վախենում են քնեք։ | ||
+ | |||
+ | Պղնձե շեփորների թնդյունը տարածվեց Լուսնով մեկ, թռավ հասավ մինչև Երկիր ու ավելի հեռուները՝ արեգակնային համակարգության խորքերը։ Կարո՞ղ էր արդյոք Հեկտոր Բեռլիոզը իր «Ռակոցիմարշը» հորինելիս ենթադրել, որ երկու հարյուր տարի հետո իր երաժշտությունը հույս ու ավյուն կտա հարազատ մոլորակից շատ հեռու՝ կենաց ու մահու պայքար մղող մարդկանց։ | ||
+ | |||
+ | «Սելենի» խուցը դղրդում էր ցնծագին երաժշտությունից։ Պաթի դեմքին ժպիտի նման մի բան երևաց։ | ||
+ | |||
+ | ― Թող ասեն, որ այդ երաժշտությունը հնացած է, ― ասաց Պաթը, ― նա իր գործը տեսնում է։ | ||
+ | |||
+ | Արյունը եռաց նրա երակներում, ոտքերը իրենք իրենց տակտ էին խփում։ Լուսնային երկինքից, տիեզերքի անհունից ներս խուժեց քայլող բանակների և սրընթաց արշավող հեծելազորի դոփյունը, տարածվում էր շեփորների զիլ կանչը ռազմադաշտերի վրա, ուր մի ժամանակ ճակատամարտերում վճռվում էր ամբողջ ժողովուրդների բախտը։ Այդ վաղուց էր ու անցած֊գնացած բաներ են՝ բարեբախտաբար։ Բայց այն ժամանակներից նոր սերունդներին մնացել են նաև շատ փառավոր, ազնիվ գործեր․ քաջություն ու անձնազոհություն, օրինակներ այն բանի, որ մարդ շարունակում է պայքարը նույնիսկ այն դեպքում, երբ, կարծես, սպառված են բոլոր ֆիզիկական հնարավորությունները։ | ||
+ | |||
+ | Ծանր շնչելով ապականված օդը, Պաթ Հարրիսը զգում էր, որ անցյալի ձայները նրա մեջ եռանդ են արթնացնում, որը անհրաժեշտ է ևս մեկ անվերջանալի ժամ դիմնալու համար։ | ||
+ | |||
+ | |||
+ | «Փոշեսահնակ 1֊ի» նեղ, հանդերձանքով խռնված հարթակին կանգնած՝ գլխավոր ինժեներ Լոուրենսը, լսելով միևնույն երաժշտությունը, մոտավորապես նույնն էր զգում։ Չէ որ նրա փոքրիկ նավատորմիղը ճակատամարտի էր ելել ընդդեմ մի թշնամու, որը միշտ պետք է հակադրվի մարդուն։ Նվաճելով՝ տիեզերքը, մոլորակ֊մոլորակի ետևից, արև֊արևի ետևից, մարդիկ նորից ու նորից ընդհարվելու են բնության դեռևս անհայտ ուժերի հետ։ Նույնիսկ Երկիրը չի յուրացված լիովին՝ այս հազարավոր տարիների ընթացքում․ շատ ծուղակներ են սպասում նրա վրա դեռևս անշրջահայաց մարդուն․․․ Իսկ այն աշխարհում, որի հետ ծանոթությունը սկսվել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, մահը հետամուտ է ամեն քայլափոխին, հազար ու մի անմեղ դիմակով։ Ինչպես էլ ավարտվի մենամարտը Ծարավի ծովի հետ, նրանց սպասում են նորանոր մարտահրավերներ։ | ||
+ | |||
+ | Ամեն մի փոշեսահնակ բուքսիրով քաշում էր բեռնավորված սահնակներ, որոնք ավելի ծանր էին, քան իրականում։ Նրանց մեծ մասը տախտակամածի համար դատարկ ցիստեռներն էին։ Փրկարարները տանում էին միայն ամենաանհրաժեշտը։ Հենց որ «Փոշեսահնակ 1֊ը» բեռնաթափվի, Լոուրենսը նորից այն կուղարկի Պորտ֊Ռորիս՝ բեռների նոր մասր բերելու։ Այդպիսով, անընդհատ հաղորդակցություն կլինի Խարսխակայանի հետ, և եթե հանկարծ մի բան պետք գա, ամենաուշը մեկ ժամ հետո կհասցնեն։ Ավելի լավ է լավատես լինել, թեև բացառված չէ, որ երբ նրանք վերջապես հասնեն «Սելենին», աճապարելը այլևս չօգնի․․․Պորտ֊Ռորիսի գմբեթները արագությամբ հորիզոնի ետևն էին անցնում։ Ժամանակ չկորցնելով, Լոուրենսը հրահանգավորում էր իր մարդկանց։ Նա ուզում էր Ծով դուրս գալուց առաջ մի գլխավոր փորձ կատարել, բայց ստիպված եղավ հրաժարվել այդ մտքից։ Ժամանակը չէր ներում։ Ամեն ինչ պետք է անել հանպատրաստից։ Երկրորդ փորձը չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Ջոնս, Սիկորսկի, Քոուլմեն, Մացուի՝ հենց որ տեղ հասնենք, դուք սահնակներից իջեցնում եք ցիստեռներն ու դասավորում, ինչպես պայմանավորվել ենք։ Ապա Բրյուսն ու Հոջեսը ամրացնում են կմախքը։ Աշխատեցեք չկորցնել հեղյուսներն ու պնդօղակները, գործիքները կապեք։ Եթե հանկարծ տախտակամածից վայր ընկնեք, խուճապի չմատնվեք, մի քանի սանտիմետրից ավելի չեք սուզվի, ես գիտեմ։ Սիկորսկի, Ջոնս՝ դուք կօգնեք տախտակամածը ամրացնելու, երբ կմախքը հավաքված կլինի։ Քոուլմեն, Մացուի՝ անմիջապես տախտակամածի պատրաստի հատվածների վրա եք տեղավորում խողովակներն ու փողրակները։ Գրինվուդ, Ռինալդի՝ դուք կսկսեք հորատումը․․․ | ||
+ | |||
+ | Եվ այլն, ամեն ինչ հաջորդաբար։ Ամենավտանգավորն այն է, որ նեղության պատճառով միմյանց կխանգարեն, իսկ այժմ ամենափոքր իսկ վրիպում՝ և ամեն ինչ իզուր կանցնի․․․ Ավելին, Լոուրենսին հանգիստ չէր տալիս այն միտքը, որ նրանք կարծես մի կարևոր գործիք են մոռացել Պորտ֊Ռորիսում։ Բայց շատ ավելի ահավոր կլինի, երբ մտածում ես, որ քսաներկու հոգու կյանքը վտանգի տակ կլինի, եթե հանկարծ փոշու մեջ սուզվի այն մանեկաբանալին, առանց որի հնարավոր չի կատարել վերջին միացումը։ | ||
+ | |||
+ | |||
+ | Անմատչելիության լեռներում Մորիս Սպենսերը հեռադիտակը ձեռքին՝ ուշադիր լսում էր Ծարավի ծովի վրա հնչող ռադիոձայները։ Յուրաքանչյուր տասը րոպեն մեկ Լոուրենսը կանչում էր «Սելենին», և ամեն անգամ կանչի և պատասխանի միջև ընկած դադարը ավելի ու ավելի էր երկարում։ Հարրիսին ու Մըքենզիին դեռ հաջողվում էր հաղթահարել քունը։ Ինչ խոսք, ամեն ինչ որոշում էր կամքի ուժը, բայց անշուշտ օգնում էր նաև Կլավիից տրվող երաշտությունը։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞վ է այժմ նրանց արբեցնում այդ երաժշտական հոգեբանը, ― հարցրեց Սպենսերը։ | ||
+ | |||
+ | Խցիկի մյուս անկյունում նստած ավագ ռադիստը ավելացրեց ընդունիչի ձայնը, ու Անմատչելիության լեռների վրա թևածեցին վալկիրիաները։ | ||
+ | |||
+ | ― Որքան ես հասկանում եմ, ― փնթփնթաց նավապետ Անսենը, ― նրանք մի գլուխ տասնիներորդ դար են հաղորդում։ | ||
+ | |||
+ | ― Չէ, ինչու, ― առարկեց Ժյուլ Բրակը, չանջատվելով իր կամերայից, ― հենց նոր նվագում էին Խաչատրյանի «Սրերով պարը»։ Այն ընդամենը հարյուր տարեկան է։ | ||
+ | |||
+ | ― Այժմ կկապվենք «Փոշեսահնակ 1֊ի» հետ, ― ասաց ռադիստը, և խցում մեռյալ լռություն տիրեց։ | ||
+ | |||
+ | Նրանք միացան ըստ կարգացույցի, ճիշտ ժամանակին։ Փրկարարները արդեն այնքան մոտ էին, որ «Աուրիգան» նրանց հաղորդիչի ազդանշանները ընդունում էր անմիջականորեն, առանց «Լագրանժի» վերահարորդիչի։ | ||
+ | |||
+ | ― «Սելեն», ես Լոուրենսն եմ։ Մենք ձեր վերևում կլինենք տասը րոպեից։ Ինչպե՞ս եք զգում ձեզ։ | ||
+ | |||
+ | Տանջալից դադար․․․ Այն մոտ հինգ վայրկյան ուշացավ, և վերջապես։ | ||
+ | |||
+ | ― Ես «Սելենն» եմ։ Փոփոխություններ չկան։ | ||
+ | |||
+ | Ու վերջ։ Պաթ Հարրիսը շունչը խնայում էր։ | ||
+ | |||
+ | ― Տասը րոպե, ― ասաց Սպենսերը։ ― Նրանք պետք է, որ արդեն երևան։ Էկրանի վրա որևէ բան կա՞։ | ||
+ | |||
+ | ― Առայժմ ոչ, ― պատասխանեց Ժյուլը, օբյեկտիվը դանդաղ սահեցնելով հորիզոնի անդորր աղեղի երկարությամբ։ Ոչինչ՝ բացի տիեզերական գիշերվա զարհուրելի խավարից․․․ | ||
+ | |||
+ | Այս Լուսինը մի իսկական տանջանք է օպերատորի համար, ինքն իրեն ասաց Ժյուլ Բարկը։ Կամ սև է, կամ սպիտակ, մեղմ, նուրբ կիսատոներ չկան։ Էլ չասած աստղերի այդ մշտական պրոբլեմի մասին։ Ճիշտ է, դա ավելի շուտ գեղագիտական, քան տեխնիկական հարց է։ | ||
+ | |||
+ | Դիտողը ուզում է ցերեկը նույնպես լուսնային երկնքում աստղեր տեսնել, չէ որ սովորաբար նրանք չեն երևում․ ցերեկը արևի պայծառ լույսը աչքի զգայունությունը այնքան է թուլացնում, որ երկինքը թվում է դատարկ, համատարած սև։ Աստղերը տեսնելու համար պետք է նայել բլենդի միջոցով, որը զատում է կողմնակի լույսը։ Այն ժամանակ բիբերը աստիճանաբար կլայնանան, ու երկնքում կբռնվեն ճրագներ, մեկը մյուսի ետևից, մինչև վերջապես լցնեն ողջ տեսադաշտը։ Իսկ բավական է հայացքդ տեղափոխես մի այլ բանի վրա և՝ թյո՜ւ, ամեն ինչ կկորչի։ Մարդկային աչքը կարող է տեսնել երկուսից մեկը․ կամ ցերեկային աստղերը, կամ ցերեկային բնանկարը, բայց ոչ երկուսը միասին։ | ||
+ | |||
+ | Սակայն հեռուստախցիկը ի վիճակի է դրանք տեսնել միաժամանակ, և շատ ռեժիսորներ օգտվել են դրանից։ Ճիշտ է, ոմանք դա կեղծարարություն են անվանել, բայց ինչ արած, աշխարհում քի՞չ են արդյոք այնպիսի խնդիրները, որոնք բացառում են հասարակ պատասխանը։ Ժյուլը «ռեալիստների» կողմնակից էր ու չէր ցույց տալիս աստղազարդ երկինքը, մինչև նրան չխնդրեին այդ մասին ստուդիայից։ | ||
+ | |||
+ | Րոպե առ րոպե, ուր որ է հրաման կստացվի Երկրից։ Նա արդեն մի քանի կադր տվել է «վերջին լուրերի» համար․ Ծովի շրջապատկերը, խոշոր պլանով՝ լուսնափոշու մեջ ցցված միայնակ ձողը։ Իսկ շուտով նրա կամերան կարող է երկար ժամանակով դառնալ միլիարդավոր մարդկանց աչքերը։ Եթե խափանում չլինի՝ տարվա մեծագույն սենսացիան ապահովված է․․․ | ||
+ | |||
+ | Նա շոշափեց գրպանում թաքցրած թալիսմանը։ Կինո՝ և հեռուստաինժեներների ընկերության անդամ Ժյուլ Բրակը կվիրավորվեր այն մարդուց, ով նրան մեղադրեր սնահավատության մեջ։ Բայց ստիպեք նրան բացատրել, թե ինչո՞ւ նա ոչ մի կերպ չի համաձայնի գրպանից հանել այդ փոքրիկ խաղալիքը, մինչև չհամոզվի, որ կադրերը եթեր են գնում։ | ||
+ | |||
+ | ― Ահա և նրանք, ― բացականչեց Սպենսերը խզվող ձայնով ու իջեցրեց հեռադիտակը։ ― Ձախ վերցրո՛ւ։ | ||
+ | |||
+ | Ժյուլի կամերան արդեն նայում էր հորիզոնին։ Էկրանի տարադիտակի վրա երևացող անբասիր հարթ գիծը, որը միմյանցից բաժանում էր Ծովն ու տիեզերքը, կոտրվեց․ Լուսնի ետևից դուրս սողացին երկու առկայծող աստղիկներ։ Փոշեսահնակներն էին գալիս։ | ||
+ | |||
+ | Նույնիսկ ամենամեծ ֆոկուսային տարածության վրա նրանք շատ փոքրիկ ու հեռու էին թվում։ Հենց այն, ինչ պետք էր․ Ժյուլը ցանկանում էր հեռուստադիտողի մոտ դատարկության ու միայնության զգացում առաջ բերել։ Օպերատորը նայեց «Աուրիգայի» գլխավոր էկրանին, որը հարմարեցված էր «Ինտերփլանիթի» կանալին։ Ամեն ինչ կարգին է, նա եթերում է։ | ||
+ | |||
+ | Ժյուլ Բրակը գրպանից հանեց մի փոքրիկ հուշատետր ու այն դրեց հեռուստախցիկի վրա։ Բաց արեց շապիկը, այն կանգնած մնաց գրեթե ուղղահայաց, ու նրա ներսի կողմը անմիջապես կենդանություն առավ գույներից ու շարժումներից։ Միաժամանակ մի նրբին ձայն հայտնեց նրան, որ «Ինտերփլանիթ Նյուս Սերվիսի» հատուկ հաղորդումն է գնում, 107֊րդ կանալով, «և մենք այժմ ձեզ կտեղափոխենք Լուսնի վրա»։ | ||
+ | |||
+ | Փոքրիկ էկրանը ցույց էր տալիս նույն կադրը, ինչ հեռուստացույցի տարադիտակը» Ասենք, ոչ այնքան էլ նույնը։ Փոքրիկ պատկերը երկուս ու կես վայրկյանով ետ էր մնում։ Եվ ահա թե ինչու․ երկուս ու կես միլիոն միկրովայրկյանում (նման մեծություններից սովորաբար խոսում են էլեկտրոնային ինժեներները) քիչ զարմանալի փոխարկումներ տեղի չէին ունենում։ Կամերան պատկերը տալիս էր «Աուրիգայի» հաղորդիչին, այնտեղից նա թռչում էր հիսուն հազար կիլոմետր մինչև «Լագրանժ»։ Այստեղ նրան որսում էին տիեզերքից, ուժեղացնում մի քանի անգամ և ուղղում Երկրի կողմը, դեպի վերահաղորդիչ֊արբանյակներից մեկը։ Այնուհետև՝ ցած, խռոնոսֆերայի միջով (վերջին հարյուր կիլոմետրերը ամենադժվարն էին) դեպի «Ինտերփլանիդի» շենքը, որտեղ հենց սկսվում էր ամենահետաքրքիրը, երբ այն վեր էր ածվում ձայների, պատկերների ու էլեկտրական իմպուլսների մի անվերջանալի հեղեղի, որոնք նորություններ ու հաճույք էին բերում մարկությանը։ | ||
+ | |||
+ | Եվ, ահա, անցնելով ռեժիսորներից, հատուկ էֆեկտներ ստեղծողներից, տեխնիկներից՝ պատկերը վերադառնում էր այնտեղ, որտեղից սկսել էր իր ուղին, վերադառնում էր Ըրթսայդ՝ «Լագրանժ 2-ի» հզոր հաղորդիչների և Ֆարսայդ «Լագրանժ 1-ի» անտենաների միջոցով։ Երեք քառորդ միլիոն կիլոմետր էր անցնում, որպեսզի հաղթահարի Ժյուլի հեռուստախցիկի և նրա գրպանի ընդունիչի միջև ընկած միլիմետրերը։ | ||
+ | |||
+ | «Արդյոք այս ձեռնածությունը արժի՞ նրա վրա ծախսված ամբողջ աշխատանքին», ― հարցնում էր իրեն Ժյուլը։ Մի հարց, որ մարդիկ տալիս են հեռուստատեսության հայտնագործումից ի վեր։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսանմեկերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Լոուրենաը տակավին տասնհինգ կիլոմետրի վրա նշմարեց «Աուրիգան»։ Դե ինչպես չնկատես՝ մետաղն ու պլաստիկը պայծառ փայլփլում էին արևի ճառագայթներից։ | ||
+ | |||
+ | «Սա ի՞նչ սատանայություն է, ― հարցրեց ինքն իրեն ու ինքն էլ պատասխանեց․ ― Տիեզերանավ»։ Դե իհարկե, չէ որ խոսում էին այն մասին, թե ինչ֊որ գործակալություն հրթիռ է վարձակալել լեռները թռչելու համար։ Ինչ արած, դա նրանց գործն է։ Գլխավորի մտքովն էլ անցավ՝ չի կարելի արդյոք հանդերձանքը լեռները փոխադրել հրթիռով, երկար ժամանակ տևող ծովային փոխադրումներից խուսափելու համար։ Ցավոք սրտի, դա հնարավոր չէր՝ մինչև հինգ հարյուր մետր բարձրության վրա չկար տիեզերանավի վայրէջքի համար պիտանի որևէ հրապարակ։ Սպենսերի ընտրած ելուստը շատ բարձր էր գտնվում, փրկարարներին ոչ մի օգուտ չէր տա։ | ||
+ | |||
+ | Գլխավոր ինժեներին ամենևին էլ չէր ուրախացնում, որ երկար ֆոկուսավոր օբյեկտիվները հետևելու են նրա յուրաքանչյուր շարժումին։ Ու ոչինչ էլ չես կարող անել․․․ Ուզում էին հեռուստախցիկը տեղավորել փոշեսահնակի վրա, բայց ինքը թույլ չտվեց՝ ի մեծ ուրախություն «Ինտերփլանիթ Նյուսի» և խիստ դառնություն մյուս գործակալությունների (որի մասին Լոուրենսը, բնականաբար, չէր կարող իմանալ)։ Իսկ, ընդհանրապես, եթե լավ մտածես, նույնիսկ վատ էլ չէ, որ մոտակայքում նավ կա, կապի լրացուցիչ միջոց կծառայի։ Թերևս, հաջողվի մի այլ օգուտ ևս քաղել նրանցից։ Օրինակ, մինչև իգլուի բերելը՝ մարդկանց տեղավորել նրա մեջ։ | ||
+ | |||
+ | Բայց ո՞ւր է օրիենտիրը։ Նրա երևալու ժամանակն է։ Մի պահ Լոուրենսը սարսափով մտածեց, որ զննաձողը կարող էր խրվել լուսնափոշու մեջ․․․ Դա, իհարկե, չէր խանգարի գտնել «Սելենը», բայց այժմ նույնիսկ հինգ րոպե հապաղելը կարող էր ճակատագրական լինել։ | ||
+ | |||
+ | Եվ հենց այդ ժամանակ գլխավորը թեթևացած շունչ քաշեց․ ահա նա, միանգամից չի էլ երևում բոցավառ լեռների ֆոնի վրա։ Վարորդը արդեն նկատել էր նպատակակետը և ճշտել ուղղությունը։ | ||
+ | |||
+ | Փոշեսահնակները կանգ առան զննաձողի երկու կողմը, ու աշխատանքը սկսեց եռալ։ Ինչպես և նախատեսված էր, ութ հոգի սկաֆանդրերով շտապ ձեռնամուխ եղան դատարկ ցիստերներն ու ալյումինե ձողերը իջեցնելուն։ Ահա և ցիստեռները միացված են թեթև հիմնակմախքով, վերևից փռում են ջլապակե սալերը՝ տախտակամածը պատրաստ է։ | ||
+ | |||
+ | Դեռևս երբեք Լուսնի պատմության մեջ մոնտաժային աշխատանքները այդպիսի ուշադրության չէին արժանացել։ Եվ պատճառը՝ լեռան վրայից նայող աչքն է։ Սակայն ութը փրկարարները չէին մտածում միլիոնների մասին, որոնք ակնդետ հետևում էին նրանց։ Նրանք այժմ միայն մի հոգս ունեին․ որքան կարելի է շուտ հավաքել տախտակամածը ու հարմարեցնել հորատման հաստոցը։ | ||
+ | |||
+ | Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ, երբեմն էլ ավելի հաճախ, Լոուրենսը կապվում էր «Սելենի» հետ, որպեսզի Պաթին ու Մըքենզիին տեղեկացնի աշխատանքի ընթացքի մասին։ Նա ամենից քիչ մտածում էր այն մասին, որ ամբողջ աշխարհը շունչը պահած իրեն է լսում։ | ||
+ | |||
+ | Վերջապես, ընդամենը քսան րոպեից հետո, հորատման հաստոցը տեղադրվեց, ու առաջին խողովակը, ասես հինգմետրանոց հարպունը, ուղղվեց դեպի Ծովը։ Բայց այն կյանք էր տանում, այլ ոչ թե մահ։ | ||
+ | |||
+ | ― Սկսեցինք, ― ասաց Լոուրենսը միկրոֆոնի մեջ։ ― Առաջին խողովակը գնաց։ | ||
+ | |||
+ | ― Շուտ, շուտ, ― շշնջաց Պաթը։ ― Երկար չեմ դիմանա։ | ||
+ | |||
+ | |||
+ | Նա ման էր գալիս ասես մառախուղի մեջ։ Ինքնազգացո՞ւմը։ Եթե հաշվի չառնենք թոքերի կսկծացող ցավը, ընդհանրապես վատ չէր։ Բայց միայն մահու չափ հոգնած էր․․․ Պաթ Հարրիսը նման էր ռոբոտի, որը կատարում էր մի հանձնարարություն, որի իմաստը վաղուց էր մոռացել, եթե միայն երբևէ հասկացել էր։ Մի ձեռքում բռնել էր չապռաստաբանալին։ Մի քանի ժամ առաջ նա հանեց այն գործիքների արկղից, իմանալով, որ պետք կգա։ Ինչի՞ համար։ Գուցե կհիշի, երբ ժամանակը գա․․․ | ||
+ | |||
+ | Պաթի լսողությունը որսում էր հեռու֊հեռվից եկող ձայներ։ Այդ խոսակցությունը, ինչ խոսք, նրան չէր վերաբերում․ ինչ֊որ մեկը մոռացել էր անջատել «Սելենի» ալիքը։ | ||
+ | |||
+ | ― Հարկավոր էր այնպես անել, որպեսզի հորատիչը այստեղից քանդվեր։ Հանկարծ նրա ուժը չպատի։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ չես կարող անել, պետք է ռիսկի դիմել․․․ Լրացուցիչ հարմարանքը՝ ավելորդ դանդաղեցում է, առնվազն մեկ ժամ։ Ապա տուր տեսնեմ․․․ | ||
+ | |||
+ | Նրանք անջատվեցին, բայց լսածն էլ բավական էր, որպեսզի Պաթը ջղայնանար՝ որքան կարող է ջղայնանալ գիտակցությունը կիսով չափ կորցրած մարդը։ Նա նրանց ցույց կտա․․․ նա և ընկեր, դոկտոր Մըք․․․ Մըք․․․ ո՞նց էր անունը։ Մոռացավ, սատանան տանի։ | ||
+ | |||
+ | Դանդաղ պտտվելով բազկաթոռի հետ, Պաթի հայացքը սահեց նստարանների վրայով։ Մարմիններ, մարմիններ․․․ իսկ ո՞ւր է ֆիզիկոսը։ Ահա նա։ Ծնկի է եկել միսսիս Ուիլյամսի մոտ։ | ||
+ | |||
+ | Գիտնականը թթվածնի դիմակը սեղմել էր քնած կնոջ դեմքին, որի ծննդյան օրը հազիվ չհամընկավ մահվան օրվան։ Մըքենզին պարզապես չէր գիտակցում, որ բալոնից դուրս հոսող թթվածնի բնորոշ ձայնը վաղուց արդեն լռել է և մոնոմետրի սլաքը վաղուց կանգնած է զրոյի վրա․․․ | ||
+ | |||
+ | ― Մենք մոտ ենք, ― հայտնեց ռադիոն։ ― Այն է հա կլսեք հորատիչի աշխատանքը։ | ||
+ | |||
+ | «Այդքան շո՞ւտ, ― մտածեց Պաթը։ Թեև, իհարկե, ծանր խողովակը առանց դժվարության պետք է ծակեր անցներ փոշին։ Ապրե՛ս, գլխի ընկավ, թե ինչումն է բանը․․․ | ||
+ | |||
+ | Դը՛մփ։ Ինչ֊որ բան դիպավ տանիքին։ Բայց որտե՞ղ։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, ― փսփսաց նա։ ― Դուք հասաք մեզ։ | ||
+ | |||
+ | ― Գիտենք, ― պատասխանեց ձայնը։ ― Հաստոցը դեմ առավ։ Հիմա ձեզնից է կախված։ Դուք կարո՞ղ եք ասել, թե որտեղ է դեմ առել հորատիչը։ Նրա տակ դատա՞րկ տարածություն է, թե էլեկտրալարեր կան։ Մենք հիմա մի քանի անգամ կբարձրացնենք ու կիջեցնենք հաստոցը, լսեցեք։ | ||
+ | |||
+ | Պաթը կատաղում էր։ Ինչո՞ւ են իրեն ստիպում լուծել նման բարդ խնդիրներ․․․ | ||
+ | |||
+ | Թըրխկ, թըրխկ․․․ Որ սպանես էլ (ինչպիսի հաջող արտահայտություն՝ իսկ ինչո՞ւ), անհնար է կռահել թե որտեղ են թխկացնում։ Դե, լավ է, ինչ ենք կորցնում։ | ||
+ | |||
+ | ― Սկսե՛ք, ― մռթմռթաց նա։ ― Ճանապարհը բաց է։ | ||
+ | |||
+ | Հարկ եղավ երկու անգամ կրկնել տալ, մինչև հասկացան նրան։ | ||
+ | |||
+ | Ու անմիջապես (տեսնո՜ւմ ես, ինչ շուտ են գլխի ընկնում) հորատիչը սկսեց գայլիկոնել նավիրանը։ Պաթը հստակ լսում էր շառաչող ձայնը, որը ամեն մի երաժշտությունից լավ էր։ | ||
+ | |||
+ | Մեկ րոպեից էլ պակաս ժամանակում գլիչը անցավ առաջին շերտի միջով։ Հանկարծ հաստոցը ավելի արագ պտտվեց ու անմիջապես կանգնեց՝ մոտորը անջատեցին։ Հորատողը խողովակները մի քանի սանտիմետր իջեցրեց, հորատիչը ներքին շերտին առավ ու նորից աշխատեց։ | ||
+ | |||
+ | Այժմ ձայնը շատ ավելի զորեղացավ, ու Պաթը անհանգստացած գլխի ընկավ, որ ծակում են առաստաղի կենտրոնով անցնող գլխավոր կաբելի կողքին։ Եթե դիպչեն․․․ | ||
+ | |||
+ | Նա դանդաղ ոտքի ելավ ու օրորվելով գնաց դեպի ձայնը։ Ու հենց հասնելուն պես, հանկարծ առաստաղից դուրս ժայթքեց կայծերի մի խուրձ, էլեկտրականությունը ճայթեց, լույսը հանգավ։ | ||
+ | |||
+ | Բարեբախտաբար վթարային լուսավորությունը մնաց։ Ու երբ Պաթի աչքերը ընտելացան աղոտ կարմիր լույսին, նա տեսավ ներս մտած մետաղե գլանը։ Հորատող գործիքը դանդաղ մի կես մետր էլ իջավ խցի մեջ ու կանգ առավ։ | ||
+ | |||
+ | Պաթի թիկունքում ռադիոն ինչ֊որ կարևոր բան էր ասում։ Մինչ ուղեղը կըմբռներ նրա իմաստը, ձեռքերը չապրաստաբանալին մոտեցրին խողովակի ծայրին։ | ||
+ | |||
+ | ― Մինչև մենք չասենք, գլիչը չհանեք, ― պնդում էր հեռավոր ձայնը։ ― Հակառակ կողմի փականը դեռևս չենք դրել, խողովակը բաց է դատարկության մեջ։ Հենց որ դնենք, կասենք ձեզ։ Կրկնում եմ, գլիչը չհանեք, մինչև չասենք։ | ||
+ | |||
+ | Ինչ է կպել է՜։ Պաթը առանց նրան էլ գիտի, թե ինչ անել։ Միայն հարկավոր է ուժեղ հուպ տալ բանալու լծակը, ահա այսպես, ― քանդել հանել գլիչը, ու նորից կարելի է շնչել։ | ||
+ | |||
+ | Ինչո՞ւ չի պտտվում․․․ Պաթը ուժ գործադրեց։ | ||
+ | |||
+ | ― Ի սեր աստծո, ― լսվեց ռադիոյից։ ― Ձեռք չտա՛ք։ Մենք դեռ պատրաստ չենք։ Եղած օդն էլ դուրս կթողեք խցից։ | ||
+ | |||
+ | «Հիմա, հիմա, ― մտածեց Պաթը, ― դիտավորյալ ուշադրություն չդարձնելով ռադիոյին։ ― Այստեղ ինչ֊որ չի ստացվում․․․ Հեղույսը կարելի է պտտել այսպես․․․ և այսպես։ Իսկ եթե ես գլիչը հանելու փոխարեն, ավելի՞ եմ ամրացնում»։ | ||
+ | |||
+ | Սատանան էլ գլուխ չի հանի։ Նա նայեց իր աջ ձեռքին, ապա ձախին։ Միևնույն է, ոչինչ չի հասկանում։ (Գոնե այդ զավզակը ձայնը կտրեր)։ Լավ, կփորձեմ պտտել մյուս կողմը, գուցե ստացվի։ | ||
+ | |||
+ | Ու Պաթը, մի ձեռքով խողովակից բռնած, դանդաղ քայլերով շրջան կատարեց։ Բռնեց բանալին մյուս կողմից, երկու ձեռքով կառչեց նրան, որպեսզի չընկնի, ու անշարժացավ այդ դիրքում, գլուխը կախ գցելով։ Պետք է մի քիչ շունչ քաշել։ | ||
+ | |||
+ | ― Շրջադիտակը բարձրացնել, ― փնթփնթաց Պաթը։ | ||
+ | |||
+ | Թե ինչ էր նշանակում այդ, ինքն էլ չգիտեր։ Պարզապես մի տեղ լսել էր այդ բառերը, և նրանք հարմար եկան այս պարագային։ | ||
+ | |||
+ | Պաթ Հարրիսը դեռ խորհում էր իր ռեպլիկայի իմաստի վրա, երբ գլիչը ենթարկվեց ու սկսեց հեշտությամբ թուլանալ, առանց արգելքի։ | ||
+ | |||
+ | Նրա գլխավերևում, տասնհինգ մետրի վրա Լոուրենսն ու նրա մարդիկ մի պահ քարացան զարհուրանքից։ Չնախատեսված բան էր կատարվել։ Օպերացիան պատրաստելիս նրանք նախօրոք կանխատեսել էին բոլոր հնարավոր վրիպումները, բացի այս մեկից․․․ | ||
+ | |||
+ | ― Քոուլմեն, Մացուի, ― բղավեց Լոուրենսը։ ― Աստծու սիրուն, թթվածնի փողրակը, շտա՛պ։ | ||
+ | |||
+ | Սակայն նա արդեն գիտեր, որ նրանք չեն հասցնի։ Թթվածինը մղելու համար ևս երկու միացում պետք է արվեր։ Ու երկուսն էլ պտուտակային պարույրով։ Մի դատարկ բան, որ այլ պարագաներում բոլորովին ոչ մի դեր չի խաղա։ Բայց այժմ նրանից էր կախված մարդկանց կյանքը կամ մահը։ | ||
+ | |||
+ | Իսկ Պաթը շարունակում էր քայլել շրջանով, հրելով բանալու լծակը։ Ամեն ինչ հաջող էր անցնում, պարույրից մոտ երկու սանտիմետր երևում էր։ Մի քանի վայրկյան ևս, ու գլիչը դուրս կթռչի։ | ||
+ | |||
+ | Դե, բոլորովին քիչ մնա՛ց։ Բանալու ամեն մի պտույտի հետ՝ ավելի ու ավելի բարձր է շաչում։ Պարզ է, թթվածինը խուժում է ներս։ Մի փոքր էլ, ու նա կարող է շնչել ինչպես հարկն է, և ամեն ինչ կարգին կլինի։ | ||
+ | |||
+ | Շչոցը փոխարինվեց չարագուշակ սուլոցով։ Անսպասելիորեն Պաթը տարակուսեց՝ թե արդյո՞ք ինքը այն է անում, ինչ պետք է։ Կանգնեց․․․ նայեց բանալուն․․․ մտամոլոր ծոծրակը քորեց։ Կարծես ամեն ինչ ճիշտ է․․․ Եթե ռադիոն այդ պահին միջամտեր, նա, հավանաբար, կենթարկվեր, բայց վերևում արդեն կորցրել էին նրան խելքի բերելու հույսը։ | ||
+ | |||
+ | Լավ, շարունակեցեք։ (Հարյուր տարի այդպիսի խումար չէ՛ր ընկել)։ Պաթը նորից իրեն գցեց բանալու վրա՝ և բերանքսիվայր ընկավ հատակին, պարույրը վերջացավ, գլիչը դուրս պրծավ։ | ||
+ | |||
+ | Խլացնող ոռնոցը ցնցեց փոշեգնացը, օդի հզոր հոսանքը պտտվեց ու խցով մեկ շաղ տվեց թղթի կտորտանքը։ Ցրտից գոլորշին խտացավ, խուցը պատեց մշուշով։ Պաթը շրջվեց մեջքի վրա, բայց մշուշի մեջ նա ոչինչ չտեսավ։ Ու այստեղ միայն նա հասկացավ, թե ինչ է կատարվել։ | ||
+ | |||
+ | Տիեզերագնացի փորձառու ականջը անմիջապես ճանաչեց բնորոշ ձայնը։ Այնուհետև նա մեքենայաբար գործեց։ Պետք է մի տափակ բան գտնել ու անցքը փակել՝ ինչ էլ լինի, միայն թե բավականին ամուր։ | ||
+ | |||
+ | Կարմիր մառախուղի մեջ, որը արդեն նոսրանում էր, դեպի դատարկություն ցնդելով, Պաթը տենդագին հայացքով փնտրում էր մի հարմար առարկա։ Որոտաձայն շառաչյունը չէր դադարում․ անհավանական էր թվում, որ նման մի փոքրիկ խողովակը կարող է այդպիսի դղրդոց դնել։ | ||
+ | |||
+ | Պաթը քնած մարդկանց միջով բազկաթոռից բազկաթոռ էր անցնում։ Նա արդեն կորցրել էր հույսը՝ և հանկարծ աչքովն ընկավ փրկիչ առարկան։ Հատակին բաց ընկած էր մի հաստ բաց գիրք։ Չի կարելի այդպես վարվել գրքերի հետ, ինքն իրեն ասաց Պաթը, բայց ինչ բախտավորություն, որ այստեղ մի անփույթ մարդ գտնվեց։ Այլապես նա կարող էր և չնկատել գիրքը։ | ||
+ | |||
+ | Պաթը հազիվ մոտեցել էր չարագույժ անցքին, որը ծծում էր կյանքը փոշեգնացից, երբ գիրքը ուղղակի խլեց նրա ձեռքից, և քիփ փակեց խողովակը։ Իսկույն ոռնոցը լռեց, պտուտահողմը դադարեց։ Պաթը մի երկու վայրկյան կանգնեց, ճոճվելով հարբածի նման, ապա ոտքերը ծալվեցին, ու նա փռվեց հատակին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսաներկուերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Հեռուստատեսային հաղորդումներում իսկապես անմոռանալի են այն կադրերը, որոնք ստեղծվում են բոլորի համար անսպասելիորեն, այդ թվում օպերատորների ու մեկնաբանների համար։ Վերջին կես ժամվա ընթացքում տախտակամածի վրա եռուն, բայց խիստ կանոնավորված աշխատանք էր գնում, երբ հանկարծ ասես հրաբուխ ժայթքեց։ | ||
+ | |||
+ | Անհավատալի է, բայց իրողություն է․ Ծարավի ծովից կարծես գեյզեր դուրս ցայտեց։ Ժյուլը անմիջապես նկատեց։ Հեռուստախցիկի օբյեկտիվը իսկույն բռնեց դեպի աստղերը խոյացող գոլորշու սյունը (ռեժիսորը պահանջում էր, որպեսզի դրանք երևան)։ Վերևի մասում սյունը լայնացավ՝ տարօրինակ դալուկ մի բույս․․․ կամ սնկանման ամպի փոքրացված օրինակը հիշեցնելով, այն ամպի, որ երկու սերունդ շարունակ երկյուղ էր ներշնչում մարդկությանը։ | ||
+ | |||
+ | Դա ընդամենը մի քանի վայրկյան տևեց։ Միլիոնավոր հանդիսականներ քարացած նայում էին էկրաններին ու զարմանում՝ թե ինչպես կարող է անջուր ծովից շատրվան խփել։ Անսպասելիորեն գեյզերը նվազեց ու չքվեց անաղմուկ, ինչպես ծնվել էր։ | ||
+ | |||
+ | Փրկարարները նույնպես ոչինչ չլսեցին, բայց անհնազանդ փողրակը միացնելով, նրանք զգացին, թե ինչպես է դողում խոնավ օդի սյունը։ Նույնիսկ եթե Պաթը չփակեր էլ խողովակը, վաղ թե ուշ փողրակը կհաջողվեր միացնել նրա հետ, հոսանքի ուժը այնքան էլ մեծ չէր, բայց այդ «ուշը» կարող էր «շատ ուշ» դառնալ․․․ Թե՞ նրանք արդեն․․․ | ||
+ | |||
+ | ― «Սելե՛ն», «Սելե՛ն», ― ձայն էր տալիս Լոուրենսը։ ― Դուք ինձ լսո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | Լռություն։ Փոշեգնացի հաղորդիչը չէր պատասխանում։ Գլխավոր ինժեները չէր լսում նույնիսկ սովորական աղմուկը, որ միշտ զգայուն միկրոֆոնը որսում է։ | ||
+ | |||
+ | ― Միացումը պատրաստ է, ― զեկուցեց Քոուլմենը։ ― Թթվածինը միացնե՞լ։ | ||
+ | |||
+ | «Ոչ մի դեպքում, եթե Հարրիսը հաջողացրել է գլիչը տեղը դնել, ― մտածեց Լոուրենսը։ ― Բայց գուցե, նա պարզապես մի բանով կալնել է խողովակը, և ճնշումը դո՞ւրս կնետի խցանը»։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ― բարձրաձայն ասաց նա։ ― Միացրեք, լրիվ ճմշումով։ | ||
+ | |||
+ | Դըրը՜մփ։ Վակուումով խողովակին դեմ ելած «Նարինջ ու խնձորը» շրմփաց հատակին, ու անցքից ցած հոսեց գազը, այնքան սառը, որ նրա ուղին կարելի էր տեսնել խտացող գոլորշու սպիտակ մրրիկով։ | ||
+ | |||
+ | Մեկ րոպե, երկրորդը, երրորդը․․․ Տապալված գեյզերը շաչում էր, բայց ոչինչ չէր փոխվում։ Վերջապես Պաթ Հարրիսը շարժվեց․․․ փորձեց ոտքի կանգնել․․․ թթվածնի հոսանքը գետնին խփեց նրան։ Եվ ոչ թե նրա համար, որ հոսանքը շատ զորեղ էր, այլ պարզապես նա թույլ էր դեռևս։ | ||
+ | |||
+ | Պաթը պառկած, երեսը դեմ էր արել սառնաշունչ քամուն ու վայելում էր զգաստացնող ցուրտը։ Եվ շնչում, շնչում էր․․․ Մի քանի վայրկյան հետո նա բոլորովին խելքի եկավ (բայց միայն գլուխն է ցավից տրաքում) ու վերհիշեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին կես ժամվա ընթացքում։ | ||
+ | |||
+ | Հենց որ հիշում էր, թե ինչպես էր թուլացնում գլիչն ու մարտնչում հեռացող օդի հեղեղի դեմ, Պաթը քիչ էր մնում նորից կորցներ գիտակցությունը։ Բայց իրեն կշտամբելու ժամանակը չէր սխալմունքի համար։ Նա կենդանի է, և այդ է կարևորը։ | ||
+ | |||
+ | Թեթև տիկնիկի նման բարձրացնելով Մըքենզիին, նրան տարավ կենսաբեր հոսանքի մոտ։ Նրա ուժը նկատելիորեն նվազել էր, քանի որ փոշեգնացի ներսի ճնշումը մոտենում էր նորմալին։ Մի քանի րոպե ևս, ու մրրիկը թեթև զեփյուռ կդառնա։ | ||
+ | |||
+ | Ֆիզիկոսը իսկույն ուշքի եկավ։ | ||
+ | |||
+ | ― Որտե՞ղ եմ ես, ― հարցրեց նա ոչ այնքան ինքնատիպ կերպով՝ նայելով շուրջը։ ― Հա՜, նրանք արդեն հասել են մեզ։ Փա՜ռք աստծո, կարելի է շնչել։ Իսկ լույսին ի՞նչ է պատահել։ | ||
+ | |||
+ | ― Մի անհանգստացեք, ես հիմա կարգի կբերեմ։ Նախ մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուրին մոտեցնել խողովակին, որպեսզի թթվածին ներշնչեն նրանք։ Ուզում եք արհեստական շնչառությո՞ւն տալ։ | ||
+ | |||
+ | ― Երբեք չեմ փորձել։ | ||
+ | |||
+ | ― Դա շատ հեշտ է։ Մի րոպե, ես դեղարկղիկը միայն գտնեմ։ | ||
+ | |||
+ | Պաթը վերցրեց շնչառական ապարատը և նրա գործողությունը սկսեց ցույց տալ մոտակա ուղևորի վրա․ դա Իրվինգ Շաստերն էր։ | ||
+ | |||
+ | ― Լեզուն մի կողմ տարեք, որպեսզի չխանգարի, փողրակը խրեք կոկորդը․․․ Հիմա սեղմեք այս ռեզինե տանձը․․․ սկզբում դանդաղ։ Սովորական շնչառության հաճախականությամբ։ Պա՞րզ է։ | ||
+ | |||
+ | ― Պարզ է, իսկ երկա՞ր պետք է տարուբերել։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, հինգ֊վեց անգամ խոր շունչ քաշելը բավական է։ Հարկ չկա նրանց խելքի բերել, միայն պետք է թոքերը օդափոխել։ Դուք սկսեց խցի առաջամասից, ես՝ վերջից։ | ||
+ | |||
+ | ― Բայց մեկ ապարատ ունենք։ | ||
+ | |||
+ | Պաթը ժպտաց, ժպիտը բավականին դժգույն էր։ | ||
+ | |||
+ | ― Յոլա կգնանք, ― ասաց նա կռանալով հաջորդի վրա։ | ||
+ | |||
+ | ― Ախ հա՜, ― ասաց Մըքենզին, ես բոլորովին մոռացել էի։ Պաթը հազիվ թե պատահաբար մոտեցած լիներ Սյուին ու, կիրառելով հին, բայց բավականին ազդեցիկ եղանակը, անձամբ ձեռնամուխ եղավ օդ ներարկել նրա թոքերը՝ անմիջապես բերանով։ Ճիշտ է, նա չհապաղեց, հենց որ համոզվեց, որ նա շնչում է կարգին։ | ||
+ | |||
+ | Պաթը արդեն երրորդին էր մոտեցել (դա միստր Ռեդլին էր), երբ նորից լսվեց ռադիոյի հուսահատ կանչը։ | ||
+ | |||
+ | ― «Սելե՛ն», «Սելե՛ն», պատասխանե՛ք։ | ||
+ | |||
+ | Նա վայրկենապես միկրոֆոնը ձեռքն առավ։ | ||
+ | |||
+ | ― Ես Հարրիսն եմ, ամեն ինչ կարգին է։ Արհեստական շնչառություն ենք տալիս ուղևորներին։ Խոսելու ժամանակ չկա, հետո կմիանանք ձեզ հետ։ Ընդունիչը միացված եմ թողնում։ Պատմեցեք, թե դուք ինչ եք անում։ | ||
+ | |||
+ | ― Փա՜ռք աստծուն։ Մենք արդեն հուսահատվել էինք։ Լավ վախեցրիք մեզ, երբ գլիչը հանեցիք։ | ||
+ | |||
+ | Լսելով գլխավոր ինժեների ձայնը, Պաթը մտածեց, որ կարելի էր և չհիշեցնել իրեն այդ տհաճ պատահարի մասին։ Առանց այդ էլ նա երբեք կյանքում չի ների իրեն այդպիսի վրիպման համար։ Թեև վերջին հաշվով բարին կատարվեց․ ուժգին ապասեղմումը «Սելենից» դուրս քաշեց ապականված օդի մեծ մասը։ Ընդամենը մեկ րոպե․․․ Իսկ որպեսզի նման ծավալ ունեցող մի խուց կորցնի ամբողջ օդը, չորս սանտիմետր տրամագծով խողովակը բավականին երկար պետք է աշխատի։ | ||
+ | |||
+ | ― Այժմ լսեցեք, ― շարունակեց Լոուրենսը։ ― Հաշվի առնելով ձեր գերտաքացումը, մենք պաղեցնում ենք թթվածինը, իհարկե, չափավոր։ Հենց որ շատ ցուրտ կամ չոր լինի, ասացեք մեզ։ Հինգ֊տասը րոպեից կմիացնենք երկրորդ խողովակը։ Եվ կստացվի օդափոխության սիստեմ, որը կփոխարինի ձերին։ Երկրորդ անցքը կծակենք «Սելենի» ետնամասում, միայն տախտակամածը մի մետր կտեղաշարժենք։ | ||
+ | |||
+ | Տասը րոպե անց նրանք թրխկոց լսեցին անցման խցիկի կողմից։ Պատասխանելով Լոուրենսին, Պաթը նրան հանգստացրեց, առաստաղը այդ տեղում ազատ է, հորատողները ոչինչ չեն վնասի։ | ||
+ | |||
+ | ― Կարող եք չանհանգստանալ, ― ավելացրեց նա։ ― Մինչև չասեք, գլիչին ձեռք չեմ տա։ | ||
+ | |||
+ | Այնքան ցրտեց, որ նա և Մըքենզին վերնազգեստները հագան, իսկ քնած ուղևորներին վերմակներով փաթաթեցին։ Կարելի էր հայտնել վերև, որպեսզի տաք օդ տային, սակայն Պաթը որոշեց, որ սառը ավելի լավ է։ Քիչ էր մնում եփ գային։ Բացի այդ, ցածր ջերմաստիճանը կարող էր վերականգնել «Սելենի» ածխածնային կլանիչները։ | ||
+ | |||
+ | Երկրորդ խողովակը գործի դնելուց հետո նրանք լիովին ապահով կլինեն։ Տախտակամածից նրանց ուզածիդ չափ օդ կտան, չհաշված այն, որ իրենք դեռ մեկ օրվա պաշար ունեն։ Նույնիսկ, եթե իրենց գերությունը ձգձգվի էլ, գլխավոր վտանգը անցել է։ | ||
+ | |||
+ | Իհարկե, եթե Լուսինը մի նոր դավ չլարի։ | ||
+ | |||
+ | ― Էհ, միստր Սպենսեր, ― ասաց նավապետ Անսոնը, ― կարծես վատ հաղորդում չի ստացվում, չէ՞։ | ||
+ | |||
+ | Անցած մեկ ժամը Սպենսերից այնպիսի ջանքեր պահանջեց, որ նրա քաշած չարչարանքը իրենից երկու կիլոմետր ներքևում, տախտակամածի վրա աշխատող փրկարարների չարչարանքից ամենևին էլ պակաս չէր։ Ահա նրանք միջին պլանով՝ տարադիտակի էկրանի վրա են։ Հանգստանում են․․․ Եթե կարելի է հանգստանալ տիեզերական սկաֆանդրում։ | ||
+ | |||
+ | Նրանցից հինգ հոգի, հավանաբար, որոշել են մի քիչ քնել, ընտրելով ոչ այնքան սովորական, բայց ընդհանրապես միանգամայն խելացի դիրք․ ռեզինե տիկնիկների նման պառկել էին տախտակամածի կողքին, կիսով չափ լուսնափոշու մեջ խրված։ Սպենսերը չէր կասկածում, թե տիեզերական սկաֆանդրը այնքան լողունակ է, որ չի սուզվում այդ նյութի մեջ։ Բացի այն, որ հանգստացող հերթափոխը շատ հարմար էր տեղավորվել՝ տախտակամածի վրա ազատ տարածություն ավելացավ ու աշխատելն հեշտացավ։ Երեք հոգի, առանց շտապելու, ստուգում ու կարգի էին բերում ապարատուրան։ Առանձնապես նրանք ուշադիր էին հետևում հսկա անկյունավոր օդամաքրիչին ու նրան միացված հաստափոր բալոններին։ | ||
+ | |||
+ | Առավելագույն ֆոկուսը հնարավորություն էր տալիս այդ ամենը էկրանի վրա ցույց տալ ինչպես տասը մետր հեռավորության վրա, միայն թե սարքերի սլաքները չէին երևում։ Նույնիսկ միջին խոշորացման դեպքում հստակ կերպով երևում էին լուսնային փոշու մեջ խրված (ու դեպի անտեսանելի «Սելենը» ձգվող) երկու խողովակները։ | ||
+ | |||
+ | Ամեն ինչ հանգիստ, խաղաղ է՝ ոչ թե ինչպես մեկ ժամ առաջ։ Եվ այսպես կլինի մինչև հանդերձանքի հաջորդ մասնակի ժամանումը։ Երկու փոշեսահնակն էլ վերադարձել են Պորտ֊Ռորիս․ այժմ աշխատանքը այնտեղ կեռա։ Ինժեներներն ու տեխնիկները փորձարկում ու հավաքում են այն սարքավորումը, որը, ինչպես նրանք են հույս տածում, ուղի բաց կանի դեպի «Սելեն»։ Այդ ամենը նախապատրաստելու համար հարկավոր է առնվազն մեկ օր։ Մինչ այդ, եթե անակնկալ որևէ բան չպատահի, Ծարավի ծովը անխռով կարող է գգվել առավատյան արևի ցոլքերում։ Հեռուստադիտողի համար առայժմ նոր կադրեր չեն լինի։ | ||
+ | |||
+ | Մեկ ու կես լուսավայրկյան հեռավորությունից «Աուրիգայի» հրամանատարական խցիկ հասավ ռեժիսորի ձայնը։ | ||
+ | |||
+ | ― Փառավոր աշխատեցիք, Մորիս, Ժյուլ։ Համենայն դեպս պատկերագրում ենք, բայց մեր հաջորդ հաղորդումը զրո վեց զրո զրոյի վերջին լուրերից շատ չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ արձագանքներ կան։ | ||
+ | |||
+ | ― Հրաշալի է, շքեղ։ Դեռ էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Բոլոր խելահեղ գյուտարարները, որոնք ժամանակին փորձել են պատենտ ստանալ ամեն մի փուչ բանի համար, հանգիստ չեն տալիս իրենց առաջարկություններով։ Դրանցից մի քանիսին մենք հաղորդումներում տեղ կտանք վեցն անց տասնհինգին։ Այ թե զվարճալի կլինի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչ կա որ, մեկ էլ տեսար, նրանցից մեկնումեկը մի գործնական բան ասաց։ | ||
+ | |||
+ | ― Կարող է պատահել, թեև հազիվ թե։ Նրանք, ովքեր խելքները գլխին են, կաշխատեն հեռու մնալ մեզնից, երբ տեսնեն, թե ինչպես ենք նրանց կոլեգաների հախից գալիս։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ եք մտադիր անել։ | ||
+ | |||
+ | ― Բոլոր առաջարկությունները կքննի ձեր գիտնական բարեկամը, դոկտոր Լոուսոնը։ Մենք արդեն փորձ արել ենք․ նա նրանց կաշին կքերթի։ | ||
+ | |||
+ | ― Իմ բարեկա՞մը, ― առարկեց Սպենսերը։ ― Ախր նրա հետ ես ընդամենը երկու անգամ եմ տեսնվել։ Առաջին հանդիպման ժամանակ ես նրանից տասը բառ պոկեցի, երկրորդ անգամ նա ձեռքերիս վրա քնեց։ | ||
+ | |||
+ | ― Դրանից հետո նա շատ է առաջադիմել, ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ։ Ասենք ինքներդ կտեսնեք մի․․․ մի քառասունհինգ րոպեից հետո։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ շտապում։ Բացի այդ, հիմա ինձ այլ բան է հետաքրքրում․ ի՞նչ է մտածում Լոուրենսը։ Նա արդեն հանդե՞ս է եկել։ Քանի խաղաղ է, փորձեք նրան բռնացնել։ | ||
+ | |||
+ | ― Նա խիստ զբաղված է, հրաժարվում է պատասխանել։ Երևում է, որ ինժեներները դեռևս չեն որոշել ինչպես վարվել։ Պորտ֊Ռորիսում բազմազան փորձեր են դնում, հանդերձանք են հավաքում Լուսնի բոլոր կողմերից։ Հենց որ որևէ բան իմանանք, իսկույն ձեզ կհայտնենք։ | ||
+ | |||
+ | Մորիս Սպենսերը արդեն ընտելացել էր այդ պարադոքսին․ հաճախ ռեպորտյորը չի տեսնում ընդհանուր պատկերը, թեև իրադարձությունների հենց կենտրոնում է լինում։ Նա հրել է ձնագունդը՝ այնուհետև այն գլորվում է նրանից անկախ։ Ինչ խոսք, Սպենսերն ու Ժյուլը ամենաթարմ կադրերն են տալիս, սակայն ամբողջությամբ վերցրած նյութի մատուցումը կախված է Երկրի վրա և Կլավիում գտնվող լրատվական կենտրոններից։ Սատանան ասում է, թո՛ղ Ժյուլին ու սլացիր շտաբ։ | ||
+ | |||
+ | Իհարկե, դա հնարավոր չէ։ Եթե նույնիսկ հնարավոր էլ լիներ, շատ շուտով նա կփոշմաներ դրա համար։ Մորիս Սպենսերը զգում էր․ դա ոչ միայն նրա կարիերայի գագաթնակետն էր, այլև շրջադարձային կետ նրա կյանքում։ Նա այլևս հատուկ թղթակից չի լինի․ ինքն իրեն արդեն դատապարտել է բարձր պաշտոնի։ Դեռ հալա ոչինչ, եթե սահմանափակվեն Կլավիի հեռուստաստուդիայում մի խումբ փորձառու, հրահանգիչների աչքերի առջև տաքուկ բազկաթոռին նստեցնելով։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսաներեքերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | «Սելենի» վրա առաջվա նման լռություն էր թագավորում, բայց դա ննջարանի լռություն էր, և ոչ թե մեռելանոցի։ | ||
+ | |||
+ | Շուտով քնածները կսկսեն արթնանալ, ու նրանց համար սկիզբ կառնի այն օրը, որն ապրելու հույսն արդեն նրանք կորցրել էին։ | ||
+ | |||
+ | Դժվարությամբ պահպանելով հավասարակշռությունը, Պաթ Հարրիսը բազկաթոռի թիկնակին կանգնած՝ վնասված կաբելն էր շտկում։ Ինչ լավ է, որ հորատիչը կողքով է անցել։ Հինգ միլիմետր ձախ, և ռադիոն կլռեր, այն ժամանակ բանը շատ ավելի բարդ կլիներ։ | ||
+ | |||
+ | ― Երրորդ հոսանքահատիչը միացրեք, դոկտոր, ― խնդրեց նա, մեկուսիչ ժապավենը փաթաթելով։ ― Կարծես ամեն ինչ կարգին է։ | ||
+ | |||
+ | Հիմնական լուսավորության լամպերը վառվեցին, որոնք վթարային լույսից հետո չափազանց պայծառ էին։ Ու հենց նույն վայրկյանին մի ինչ֊որ բան պայթեց այնքան ասպասելի, որ Պաթը պոկվեց իր անհաստատ հենարանից։ Մինչ նրա ոտքերը հատակին կառնեին, նա գլխի ընկավ․ ինչ֊որ մեկը փռշտաց․․․ Ըստ երևույթին, չափը անց էին կացրել խուցը հովացնելով։ | ||
+ | |||
+ | Հետաքրքիր է, ով առաջինը կարթնանա։ Լավ կլիներ, եթե Սյուն՝ անարգել կարելի է խոսել։ Դանքեն Մըքենզիից նա չէր քաշվում․ ճիշտ է, Սյուն այլ կերպ կարող է դատել։ | ||
+ | |||
+ | Ինչ֊որ մեկը վերմակի տակ շարժվեց։ Պաթը շտապեց օգնության, բայց հանկարծ կանգ առավ ու վշտալի հոգոց քաշեց։ | ||
+ | |||
+ | Ավա՜ղ, ամեն մի բարեբախտություն իր վերջն ունի, ու նավապետը պետք է կատարի իր պարտականությունը։ Պաթը կռացավ նիհարիկ մարմնի վրա, որը փորձում էր ոտքի կանգել, և հոգատար ձայնով հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս եք միսս Մոռլի։ | ||
+ | |||
+ | |||
+ | Հեռուստատեսության ճանկն ընկնելը դոկտոր Լոուսոնի համար և՛ լավ էր, և՛ վատ։ Հեռուստաաստղ դառնալով, նրա վստահությունն ավելացավ հանդեպ սեփական անձի․ պարզվեց, որ այն աշխարհը, որին Թոմ Լոուսոնը համառորեն ատում էր, նրա գիտելիքների և տաղանդի կարիքն ունի։ (Թոմը չէր մտածում այն մասին, որ շատ շուտով կարող են վերստին մոռանալ՝ հենց որ «Սելենի» շուրջն ստեղծված աղմուկը վերջանա)։ Նրա համար առիթ ծառացավ ապացուցելու իր անկեղծ նվիրվածությունը աստղագիտությանը։ Միայն աստղագետների շրջանում նրա մոտ ինչ֊որ չէր ստացվում։ Եվ, բացի այդ, իհարկե, դոկտոր Լոուսոնը ուրախ էր լավ հոնորարի համար։ | ||
+ | |||
+ | Սակայն ծրագիրը, որին նա մասնակցում էր, ասես դիտավորյալ կազմված էր այնպես, որպեսզի հաստատեր Թոմի վաղեմի համոզմունքը, թե մարդկանց մեծամասնությունը կամ սրիկա է, կամ հիմար։ Եվ «Ինտերփլանիթ Նյուս» գործակալությանն էլ չի կարելի մեղադրել այն բանում, որ չկարողացավ դիմանալ երկարատև ընդմիջումը (երբ տախտակամածի վրա էական ոչինչ չէր կատարվում) հաջող համարով լրացնելու գայթակղությանը։ | ||
+ | |||
+ | Այն հանգամանքը, որ Լոուսոնը Լուսնի վրա էր, իսկ նրա զոհերը՝ Երկրի, տեխնիկներին ամենևին չէր հուզում․ այդ խնդիրը վաղուց ի վեր լուծվել է հեռուստատեսության կողմից։ Միևնույն է ծրագիրը միանգամից եթեր տալ չէր կարելի․ գրի առան ժապավենի վրա և դադարներն էլ հանեցին՝ այն երկուսուկես վայրկյանները, որոնք պահանջում էին ռադիոալիքները մինչև Լուսին հասնելու և ետ դառնալու համար։ Իհարկե, հաղորդման մասնակիցներին դա չէր օգնում, բայց հեռուստադիտողը նայելով հմուտ խմբագրի կողմից մշակված ժապավենը՝ ոչ մի անհարմարություն չէր զգում այն բանից, որ գործող անձինք միմյանցից բաժանված էին մոտ չորս հարյուր հազար կիլոմետրով։ | ||
+ | |||
+ | Ունկնդիրների թվում էր նաև ինժեներ Լոուրենսը։ Նա հարմար դիրքով պառկել էր Ծարավի ծովի վրա ու նայում էր ամայի երկնքին։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում առաջին անգամ շունչ քաշելու հնարավորություն էր ստեղծվել, բայց մտքերը խռնվել էին գլխում ու չէին թողնում, որպեսզի քնի։ Էլ չասած այն բանի մասին, որ Լոուրենսը պարզապես չէր կարողանում քնել սկաֆանդրում։ Ասենք դրա հարկը չկա էր էլ․ առաջին իգլուները Պորտ֊Ռորիսից արդեն ճանապարհ են ընկել։ Հենց որ տեղ հասնեն, նա կտեղավորվի հարմարավետ, որին նա արժանի է։ | ||
+ | |||
+ | Ինչ էլ ասեն սկաֆանդր պատրաստողները, նրա մեջ ինչպես հարկն է մեկ օրից ավելի չես կարող աշխատել։ Պատճառները շատ են, ու դրանք բոլորն էլ առավել կամ պակաս չափով ակներև են։ Վերցնենք թեկուզ այդ զզվելի «տիեզերական քոսը», որը հերմետիկ զգեստի մեջ մեկօրյա բանտարգելությունից հետո վնասում է գոտկատեղն (ու այլ տեղեր)։ Բժիշկները հավատացնում են, որ դա զուտ հոգեբանական երևույթ է, ու տիեզերական շատ էսկուլապոսներ շաբաթներով սկաֆանդրից դուրս չէին գալիս, որպեսզի այդ բանը ապացուցեն։ Բայց, ցավոք, նրանց տված օրինակը չվերացրեց այդ հիվանդությունը․․․ | ||
+ | |||
+ | Տիեզերական սկաֆանդրերը ծնունդ տվեցին բանահյուսությանը՝ բազմազան ու բազմաբովանդակ, ոչ միշտ վայելուչ, առանձնահատուկ տերմինաբանությամբ։ Ոչ ոք ճիշտը չգիտի, թե ինչու 70֊ական թվականների նշանավոր մոդելներից մեկը կոչվում էր «Երկաթակուռ աղջիկ», բայց ամեն մի տիեզերագնաց հաճույքով կպարզաբանի, թե ինչու էր 2010 թվականին թողարկված «Մոդել XIV» ստացել «Տանջանքի խցիկ» անունը։ Այլ բան է, որ ամեն ոք չի հավատա, թե իբր սկաֆանդրը պատրաստվել էր սադիստական հակումներ ունեցող ինչժեներ֊կնոջ կողմից, որը մտքում դրել էր դաժանաբար վրեժ լուծել տղամարդկանցից։ | ||
+ | |||
+ | Առայժմ Լոուրենսը վատ չէր զգում իրեն։ Ռադիոն բերում էր ձայները մարտնչող դիլետանտների, որոնք ոգևորությամբ շարադրում էին իրենց իդեաները։ Ինչ կա որ, գուցե (թեև քիչ հավանական է) այդ անզուսպ մտածողներից մեկն ու մեկի խելքը գլխին բան ասի։ Ինչպես ինքն էր հիշում, նման բան պատահել է, և նա պատրաստ էր ավելի համբերատարորեն լսել առաջարկությունները, քան դոկտոր Լոուսոնը, որը, ակնհայտ է, երբեք չի սովորի ներողամիտ լինել հիմարների նկատմամբ։ | ||
+ | |||
+ | Թոմ Լոուսոնը հենց նոր ջարդուբուրդ արեց սիցիլիացի սիրող ինժեներին, որը առաջարկում էր փոշին ցրիվ տալ համապատասխանորեն տեղավորված ռեակտիվ ավիաշարժիչների օգնությամբ։ Բնորոշ դեպք է․ տեսականորեն այդ նախագծում կարծես արտասովոր ոչինչ չկար, սակայն բավական է նրան մոտենալ գործնական կողմից՝ ամեն ինչ ի դերև է ելնում։ Փոշին կարելի է ցրիվ տալ, բայց դրա համար հարկավոր է օդի անսպառ հոսանք։ Մինչ ճարտարախոս իտալացու փաստարկները անգլերեն էին թարգմանում, Լոուսոնը արագորեն հաշիվներ կատարեց։ | ||
+ | |||
+ | ― Իմ հաշվումներով, սինյոր Գուզայի, ― ասաց նա, ― օդային հոսանքով պետք եղած տրամաչափի հորան փորելու համար րոպեում կպահանջվի առնվազն հինգ հազար տոննա օդ։ Այդպիսի քանակությամբ օդը աշխատանքի վայրը բերելը անհնար է։ | ||
+ | |||
+ | ― Ը․․․ ըմ, կարելի է հավաքել օգտագործած օդը ու նորից այն շրջանառության մեջ դենլ։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ, սինյոր Գուզայի, ― միջամտեց հաղորդավարի վճռական ձայնը։ ― Հաջորդը՝ միստր Ռոբերտսոն, Օնտարիո քաղաքից։ Ո՞րն է ձեր պլանը, միստր Ռոբերտսոն։ | ||
+ | |||
+ | ― Ես առաջարկում եմ սառեցում։ | ||
+ | |||
+ | ― Սպասեցեք, ― առարկեց Լոուսոնը, ― ինչպե՞ս կարելի է փոշին սառեցնել։ | ||
+ | |||
+ | ― Սկզբում այն ծծեցնել ջրով։ Ապա իջեցնել սառեցնող խողովակներ ու այն սառցի վերածել։ Կստացվի կարծր զանգված, որը հեշտությամբ կհորատվի։ | ||
+ | |||
+ | ― Ուշագրավ միտք է, ― մի տեսակ դժկամությամբ ընդունեց Լոուսոնը։ ― Համենայն դեպս, այնպիսի անհեթեթություն չէ, ինչպես մի քանի նախորդները։ Բայց դրա համար շատ֊շատ ջուր կպահանջվի։ Մի մոռացեք, փոշեգնացը տասնհինգ մետր խորության վրա է․․․ | ||
+ | |||
+ | ― Քանի՞ ֆուտ կանի այդ, ― հարցրեց կանադացին մի այնպիսի տոնով, որը իսկույն մատնում էր նրա պատկանելիությունը հակամետրային դպրոցին։ | ||
+ | |||
+ | ― Հիսուն, և ես հավատացած եմ, որ դա նույնքան լավ է հայտնի ձեզ, ինչպես ինձ։ Հանքահորի բնամասի տրամագիծը մի մետրից՝ ըստ ձեզ, յարդից պակաս չպետք է լինի։ Այսպես, ամփոփենք․ տասնհինգը տասի խորանարդով, տասը և․․․ մի խոսքով, տասնհինգ տոննա ջուր։ Այդ այն դեպքում, եթե բացառենք կորուստը, իրականում անհամեմատ շատ կպահանջվի, հավանաբար, մոտ հարյուր տոննա։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կկշռի սառեցնող հարմարանքը ամբողջ հանդերձանքով։ | ||
+ | |||
+ | Իսկ նա ամենևին էլ վատ չի գլուխ հանում։ Ի տարբերությու Լոուրենսի ծանոթ գիտնականներից շատերի, Լոուսոնը անմիջապես ըմբռնում էր գործնական էությունը և, բացի այդ, արագությամբ հաշվում։ Սովորաբար, երբ աստղագետին կամ ֆիզիկոսին հարկավոր է արագ հաշվարկ կատարել, նրանք առաջին անգամ սխալվում են տասնյակներով, եթե ոչ հարյուրներով։ Որքան Լոուրենսը կարողացավ դատել, Թոմ Լոուսոնը միանգամից ճիշտ պատասխան էր ստանում։ | ||
+ | |||
+ | Սառեցման կանադացի էնտուազիստը դեռևս պնդում էր իր գաղափարի վրա, բայց նրան անջատեցին, որպեսզի խոսքը տան մի աֆրիկաբնակի, որը առաջարկում էր ուղղակի հակադիր միջողը՝ տաքությունը։ Մի հսկայական գոգավոր հայելիով արևի ճառագայթները հավաքել լուսնային փոշու վրա՝ կիզակետում ու այն հալելով, զանգվածի վերածել․․․ | ||
+ | |||
+ | Զգացվում էր, որ Լոուսոնը դժվարությամբ էր իրեն զսպում։ Արևի օգնությամբ ձուլման կողմնակիցը ամենահամառ ինքնուս գիտուններից մեկը դուրս եկավ, որոնք խիստ համոզված են իրենց հաշվումների անսխալականության մեջ։ Սկսված վիճաբանությունը հանաք բան չէր, բայց այդ ժամանակ գլխավոր ինժեների ականջին հնչեց մի ուժեղ ձայն։ | ||
+ | |||
+ | ― Փոշեսահնակները գալիս են, միստր Լոուրենս։ | ||
+ | |||
+ | Գլխավորը շրջվեց ու նստեց, ապա մագլցեց տախտակամածի վրա։ Եթե փոշեսահնակները արդեն երևում են, ուրեմն նրանք շատ մոտ են։ Այդպես էլ կար, ահա «Փոշեսահնակ 1֊ը», ու նրա հետ «Փոշեսահնակ 3֊ը», որը դժվար ուղի էր անցել Ֆարսայդի Ծարավի լճից։ Մի արշավ, որը ինքնընստինքյան իսկական խիզախություն էր։ Բայց այդ խիզախության մասին մի բուռ մարդիկ գիտեն միայն։ | ||
+ | |||
+ | Յուրաքանչյուր փոշեսահնակ բուքսիրով քարշ էր տալիս երկու սահնակ։ Ահա նրանք մոտեցան տախտակամածին, և իսկույն փրկարարները սկսեցին իջեցնել մեծ արկղը, որի մեջ իգլուն էր դրված։ Լոուրենսը սովորաբար հետաքրքրությամբ էր դիտում, երբ իգլուն փչում էին, բայց այժմ նա առանձնակի անհամբերությամբ էր սպասում այդ արարողության վերջանալուն։ (Դե, իհարկե, իրեն միայն տիեզերական քոսն էր պակաս)․․․ Ամեն ինչ արվում էր մեքենայաբար․ կնիքը պոկել, սեղմել երկու ինքնուրույն լծակները (ինքնաբերական միացումից ապահով լինելու համար) և սպասել։ | ||
+ | |||
+ | Սպասումը երկար չտևեց։ Արկղը բացվեց, և երևաց խնամքով ծալված արծաթագույն կտորը, որը ասես կենդանի էակի նման խաղում էր։ Լոուրենսը մի անգամ տեսել էր, թե ինչպես թևերը աստիճանաբար պարզելով՝ հարսյակից թիթեռ էր դուրս գալիս։ Ճիշտ և ճիշտ, այդ է հիշեցնում։ | ||
+ | |||
+ | Իհարկե, մեկ ժամ պահանջվեց մինչև թիթեռնակը երևաց իր ողջ պերճությամբ․ իգլուն երեք րոպեում պատրաստ էր լինում։ | ||
+ | |||
+ | Պոմպը օդ էր մղում նրա մեջ, ու թաղանթը ձգվելով՝ ավելի ու ավելի էր ուռչում։ Ահա բարձրությունը մեկ մետրի հասավ, այժմ արդեն լայնքին է տալիս․․․ Հասավ մինչև կարերը, ու նորից ձգվեց դեպի վեր։ Կտրուկ շարժում՝ անցման խցիկն էր ― ուղղվեց։ Եվ այս ամենը կատարվում էր լուռ ու հանգիստ, թեպետ թվում էր, դժվարության ֆսսոց ու փնչոց պետք է լսվեր։ | ||
+ | |||
+ | Բոլորովին քիչ է մնում․․․ Այժմ արդեն երևում է, թե որքան դիպուկ է «իգլու» անունը։ Իհարկե, ձյունե տնակները էսկիմոսներին պաշտպանում էին միանգամայն այլ (թեև մարդուն ոչ պակաս թշնամի) միջավայրից, բայց ձևը միևնույնն էր։ Խնդիրների նմանությանը հետևել էր նաև կառուցվածքային միանմանություն։ | ||
+ | |||
+ | «Կահավորումը» շատ ավելի երկար ժամանակ էր պահանջում, քան իգլուի տեղակայումը։ Ամեն ինչ՝ մահճակալները, բազկթոռները, սեղանները, պահարանները, էլեկտրոնային ապարատները հարկավոր էր ներս տանել անցման խցիկով։ Որոշ առարկաներ, որոնք ավելի խոշոր էին, հազիվհազ էին մտնում, բայց մտնում էին։ | ||
+ | |||
+ | Վերջապես ռադիոն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Բարի գալո՛ւստ։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը չհապաղեց։ Նա սկաֆանդրից սկսեց ազատվել դեռևս օդասահանքի երկաստիճան խցիկի արտաքին հատվածում, ու հենց որ խտացող մթնոլորտում լսեց ներսից եկող ձայներ, հերմետիկ սաղավարտը հանեց։ | ||
+ | |||
+ | Օխա՜յ․․․ Կարող ես կռանալ, շրջվել, քորել, անարգել շարժվել, ընկերներիդ հետ մարդավարի խոսել։ Նեղ լողարանում ջուրը նրա վրայից մաքրեց տարավ սկաֆանդրի հոտը․ այժմ պետք է աշխատել։ Կարճ անդրավարտիքը հոգնելով (իգլուում թեթև էին հագնում), նա նստեց սեղանի առջև՝ իր օգնականների հետ խորհրդակցելու։ Նրա պատվիրած նյութերի մեծ մասը արդեն բերվել էր, մնացածները մի քանի ժամ հետո կբերի «Փոշեսահնակ 2֊ը»։ Աչքի անցկացնելով ցուցակները, Լոուրենսը իրեն զգաց դրության տերը։ Թթվածնով ապահովված են, եթե միայն որևէ նոր խափանում չլինի։ Ճիշտ է, ջուրը վերջանալու վրա է, բայց այդ խնդիրը կարելի է հեշտությամբ շտկել։ Փոքր֊ինչ ավելի դժվար կլինի ուտելիքի հարցը, բայց և այնպես, բավական է հարմար ձևով ծրարել այն։ Ի դեպ, ճաշարանների վարչությունն արդեն ուղարկել է շոկոլադ, չորացած միս, պանիր և նույնիսկ բարակ ֆրանսիական բուլկիներ՝ այս ամենը տեղավորված է երեք սանտիմետր լայնությամբ գլանի մեջ։ Այժմ խողովակների միջոցով դրանք ցած կուղարկեն, և ուղևորների տրամադրությունը կբացվի։ | ||
+ | |||
+ | Բայց այս ամենը այնքան էլ կարևոր չէր․ գլխավորը՝ նրա «մտավոր տրեստի» հանձնարարականներն էին, որոնք մարմնավորված էին մի դյուժին գծագրերի ու վեց էջի վրա գրված լակոնիկ հուշագրում։ Լոուրենսը կարդում էր շատ ուշադիր, ժամանակ առ ժամանակ գլխով հավանության նշան անում։ Ասենք, ինքն էլ նույն կարծիքին էր։ Այլ ուղի պարզապես չկար։ | ||
+ | |||
+ | Ուղևորներին կարելի է փրկել, բայց դա «Սելենի» վեջին ճանապարհորդությունն էր։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսանչորսերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Երևում էր խողովակի միջով «Սելենից» դուրս պրծած մրրիկը իր հետ դուրս էր բերել ոչ միայն ապականված օդը։ Վերհիշելով աղետից հետո անցած մի քանի ժամերը, կոմոդոր Հանստենը մտովի նկատեց, որ երբ խուճապն անցավ, փոշեգնացում տիրեց մի տեսակ գրգռված, նույնիսկ փոքր֊ինչ հիստերիկ տրամադրություն։ Նրանց ոգևորելու և սիրտ տալու ջանքերը երբեմն նույնիսկ չափից անցնում էին, վերածվելով բռնազբոսիկ զվարթության ու գրեթե մանկական զվարճության։ | ||
+ | |||
+ | Այժմ այդ ամենը ետևում է մնացել, և դժվար չէ հասկանալ՝ թե ինչու։ Բանը ոչ միայն նրանում է, որ փրկարարները մոտ են․ մահվան հետ երես առ երես հանդիպելը փոխում է մարդուն։ Երկչոտությունն ու եսականությունը տեղի տվեցին, ոգու արիություն եկավ նրանց վրա։ | ||
+ | |||
+ | Այդ ամենը ծանոթ էր Հանստենին։ Նա քանիցս նկատել էր նույն բանը, երբ տիեզերանավերի անձնակազմները դժվար կացության մեջ էին ընկել արեգակնային համակարգության հեռաստաններում։ Կոմոդորը ի բնե փիլիսոփայելու հակում չուներ, սակայն տիեզերքում բավական ազատ ժամանակ կար խորհրդածությունների համար։ Երբեմն Հանստենը ինքն իրեն հարցնում էր, թե արդյո՞ք մարդը նրա համար չէ փնտրում վտանգը, որպեսզի նրա միջոցով հանգի համախմբման ու մերձակցության, որոնց նա (թեկուզ չգիտակցված) այդպես ձգտում է։ | ||
+ | |||
+ | Ափսո՜ս, որ պիտի բաժանվի այս մարդկանցից։ Նույնիսկ միսս Մոռլիից, որն այժմ հանկարծ դարձել է սիրալիր ու վարվեցող, իր ուժերի ներածի չափով, իհարկե․․․ | ||
+ | |||
+ | Կոմոդորը այնքան վստահ էր փրկարար աշխատանքների հաջող ավարտմանը, որ արդեն մտածում էր առաջիկա բաժանման մասին։ Ինչ խոսք, ամեն բան կարող է պատահել, բայց և այնպես, կարծես, նրանք ապահովագրված են ամեն տեսակի անակնկալներից։ Թե գլխավոր ինժեները ինչպես պետք է Ծովի մակերես հանի նրանց՝ առայժմ հայտնի չէ, բայց նա, անտարակույս, այդ բանը կանի։ Վտանգն անցել է, մնացել են միայն անհարմարությունները, որոնք միանգամայն կարելի է տանել։ | ||
+ | |||
+ | Այն պահից ի վեր, երբ խողովակներով ներս թափվեցին ուտելիքով գլանները, զրկանքների մասին խոսելու տեղ չունեն։ Իհարկե, առանց դրա էլ նրանց սով չէր սպառնում, բայց սնունդը փոքր֊ինչ միապաղաղ էր, իսկ ջրերը պակասել էին։ | ||
+ | |||
+ | Այժմ արդեն բոլոր ցիստեռնները լիքն էին, հարյուրավոր լիտրերով պաշար ունեն։ Տարօրինակ է, որ շրջահայաց ու հեռատես կոմոդոր Հանստենը երբեք չհարցրեց ինքն իրեն, թե ինչ եղավ «Սելենի» ցիստեռնների ջուրը։ Հասկանալի է, որ նրա միտքը ավելի անհետաձգելի գործերով էր զբաղված։ Եվ, այնուամենայնիվ, նա պետք է մտածեր, չէ որ շատ, շատ ջուր լցրին վերևից։ Կոմոդորի մտքով այդ բանն անցավ միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ էր։ | ||
+ | |||
+ | Այդ թերացման մեջ մեղավոր չէին նաև Պափ Հարրիսն ու գլխավոր ինժեներ Լոուրենսը։ Փայլուն պլան, գերազանց կատարում, ու ընդամենը միայն մի ճեղքվածք։ Ավելին պետք էլ չէ, ասենք․․․ | ||
+ | |||
+ | Ըրթսայդի ինժեներական բաժինը աշխատում էր ամբողջ ուժով, բայց ժամացույցի սլաքի հետ սկսված մրցավազքը դադրեց։ Այժմ ժամանակը ներում էր, որպեսզի փոշեգնացի մակետներ պատրաստեն, ընկղմեն դրանք Ծովը Պորտ֊Ռորիսի մոտ և գտնեն եզրափակիչ օպերացիայի տարբեր լուծումներ։ Խորհուրդները (խելքին մոտ և այլ կարգի) շարունակում էին թափվել բոլոր կողմերից, բայց ոչ ոք ուշադրության չէր արժանացնում դրանք։ Հնարը գտնված է, և ոչ մի ուղղում չի լինի, եթե որևէ անակնկալ չպատահի։ | ||
+ | |||
+ | Իգլուն տեղակայելուց քսանչորս ժամ հետո, հարմարանքները պատրաստվել ու հասցվել էին տեղ։ Այո, ռեկորդ է, բայց Լոուրենսը ի սրտե ուզում էր, որպեսզի հարկ չլինի գերազանցել ռեկորդը, որքան էլ նա հպարտանում էր այդ խիզախությունը գործող մարդկանցով։ Ինժեներական բաժինը հազվադեպ էր վայելում վաստակած դափնիները, նրանց ջանքերը ընդունվում էին հավուր պատշաճի՝ ինչպես այն օդը, որ մատակարարում էին այդ նույն ինժեներները։ | ||
+ | |||
+ | Այժմ, երբ ամեն ինչ հաջող էր գնում, Լոուրենսը բնավ դեմ չէր ելույթ ունենալուն, և Մորիս Սպենսերը միայն ուրախ էր նրան օգնելու համար։ Նա վաղուց էր սպասում այդ առիթին։ | ||
+ | |||
+ | Ի դեպ, եթե հիշողությունը չէր դավաճանում իրեն, առաջին անգամն էր, որ հեռուստատեսային խցիկին ու ինտերվյու տվողին բաժանում էր հինգ կիլոմետր։ Այդպիսի հսկայական խոշորացման դեպքում, հասկանալի է, պատկերը մի թեթեև ճապաղում էր, և ամենափոքր իսկ ցնցումը ստիպում էր նրան պար գալ էկրանի վրա։ Այդ պատճառով էլ ներկա գտնվողները աշխատում էին իրար չզգալ, իսկ սարքերն ու ապարատները (բացի ամենաանհրաժեշտներից) անջատել էին։ | ||
+ | |||
+ | Գլխավոր ինժեներ Լոուրենսը սկաֆանդրը հագին կանգնած էր տախտակամածի ծայրին, ոչ մեծ ամբարձիչ կռունկին հենված։ Կռունկի սլաքից կախված էր լայն, երկու կողմից բաց բետոնե մի գլան՝ առաջին հատվածը այն հորի, որ պետք է ըկղմվեր լուսնային փոշու մեջ։ | ||
+ | |||
+ | ― Մենք բոլորս կշռադատեցինք և եկանք այն եզրակացության, որ դա լավագույն եղանակը կլինի, ― ասաց Լոուրենսը հեռավոր հեռուստախցիկին (թեև նրա խոսքերը առաջին հերթին ուղղված էին տասնհինգ մետր ներքևում թաղված մարդկանց)։ ― Այս գլանը կոչվում է կեսսոն։ Սեփական ծանրության ազդեցության տակ այն հեշտությամբ կընկղմվի փոշու մեջ, նրա ներքևի սուր եզրակը փոշու մեջ կմտնի հեշտությամբ։ Մի քանի հատված իրար վրա կդնենք ու այդպիսով կհասնենք փոշեգնացին։ Երբ ներքին հատվածը կանգնի նրա տանիքին, կարելի է փոշին դուրս տալ, միացումը բավականին ամուր կլինի։ Ու ջրհորի նման մի բան կստացվի՝ հոր, որը մեզ կմիացնի «Սելենի» հետ։ Բայց դա միայն գործի կեսն է։ Այնուհետև հարկ կլինի հորը ծածկել մեր հերմետիկ իգլուներից մեկով, որպեսզի կարողանանք ծակել փոշեգնացի տանիքը, չվախենալով, որ օդը դուրս կգա։ Կարծում եմ․․․ Հուսով եմ, որ այդ ամենը այնքան էլ դժվար չի լինի։ | ||
+ | |||
+ | Նա դանդաղեց, ինքն իրեն հարցնելով, շոշափե՞լ արդյոք այլ մանրամասներ, որոնք օպերացիան շատ ավելի են բարդացնում, քան թվում էր առաջին հայացքից։ Չէ, չարժի․ ով գլուխ է հանում դրանից՝ կհասկանա, ուրիշներին հարկավոր չէ, կմտածեն, որ թանկ եմ ծախում ինձ։ Քանի դեռ ամեն ինչ լավ է ընթանում, անտեսանելի հանդիսատեսները («Լուսնաշրջիկի պետի տվյալներով, այժմ նրանց հետևում են մոտ կես միլիարդ հեռուստադիտողներ) իրեն չեն հուզում։ Իսկ եթե մի որևէ բան չստացվի․․․ | ||
+ | |||
+ | Գլխավորը ձեռքը բարձրացրեց, նշան տալով կռունկավարին։ | ||
+ | |||
+ | ― Մայննա՛ (ասել է՝ իջեցրու)։ | ||
+ | |||
+ | Չորս մետրանոց գլանը դանդաղ սկսեց իջնել փոշու մեջ։ Ահա լրիվ ընկղմվեց, միայն ծայրերը մնացին մակերեսի վրա։ Այսպես, առաջին հատվածը գնաց․․․ Գոնե մյուսները նույնպես հեշտ գնային։ | ||
+ | |||
+ | Փրկարաներից մեկը հարթաչափը ձեռքին զգուշորեն քայլեց եզրակով, ստուգելով, թե արդյոք թեքվածք չկար։ Նա բութ մատը տնկեց։ Լոուրենսը պատասխանեց նույն ժեստով։ Ժամանակին ինքը ուզածդ մոնտաժորդից վատ չգիտեր ժեստերի լեզուն․ այդ բանը նրանց գործում բավականին կարևոր է, որովհետև ռադիոն կարող է փչանալ կամ կապի միջոցները զբաղված լինեն ավելի նշանակալից խնդիրներով։ | ||
+ | |||
+ | ― Պատրաստե՛լ երկրորդը, ― կարգադրեց գլխավոր ինժեները։ | ||
+ | |||
+ | Դա արդեն դժվար կլինի, առաջին հատվածը անշարժ պահել ու երկրորդը կցել նրան այնպես, որպեսզի եղածն էլ չփչացնել։ Որ ճիշտ ասենք, նման աշխատանքը պահանջում է երկու կռունկ․․․ Ասենք, հենց ուղիղ Ծովի մակերևույթի վրա հարմարեցված երկանիստ հեծաններից շրջանակը իր վրա կառնի ծանրության մի մասը։ | ||
+ | |||
+ | ― «Ասա միայն չվրիպե՛ն հիմա», ― մտովի աղերսեց գլխավոր ինժեները։ Երկրորդ հատվածը պոկվեց սահնակից․․․ Երեք տեխնիկներ ձեռքով ուղղեցին բետոնե օղը, ու նա կախ ընկավ ճիշտ ուղղահայաց։ Ահա թե երբ պետք էր հիշել մասսայի և կշռի միջև եղած տարբերության մասին։ Որքան էլ քիչ էր կշռում ճոճվող գլանը, նրա իներցիան նույնն էր, ինչ Երկրի վրա, և նա կարող էր ջարդուփշուր անել բերանբաց գործավորին։ Նկատելի էր նաև այդ կախված մասսայի դանդաղ ճոճումը։ Լուսնի վրա ճոճանակի ճոճման արագությունը կիսով չափ պակաս է, քան Երկրի վրա։ Ոչ լուսնաբնակի համար դրան ընտելանալը դժվար էր։ | ||
+ | |||
+ | Եվ ահա երկրորդ հատվածը նստեց առաջինի վրա, կցումը պատրաստ է, ու Լոուրենսը նորից կարգադրում է․ «Մայնա՛»։ | ||
+ | |||
+ | Դիմադրությունն ավելացավ, սակայն կեսսոնը սեփական ծանրության ազդեցության տակ սահուն կերպով խրվեց փոշու մեջ։ | ||
+ | |||
+ | ― Արդեն ութ մետր է, ― ասաց Լոուրենսը։ ― Կեսից անցել է։ Երրորդ հատվածը տվեք։ | ||
+ | |||
+ | Ապա չորրորդը՝ և վերջ։ Ճիշտ է, նա առ ի դեպ պատվիրել էր ևս մի հատված։ Ծարավի ծովի արմատուրաներ կլանելու ունակությունը երկյուղ էր ներշնչում նրան։ Առայժմ կորել են ընդամենը մի քանի հեղյուսներ ու պնդողակներ, իսկ եթե կռունկից պոկվի բետոնե հատվածը, այն իսկույն կսուզվի։ Թեկուզ նույնիսկ ոչ խորը (օրինակ, եթե կողքի ընկնի)՝ երկու մետրն էլ բավական է, որպեսզի այն կորած համարվի։ Փրկարար հանդերձանքը փրկելու ժամանակ չկա։ | ||
+ | |||
+ | Երրորդ հատվածը նկատելիորեն դանդաղ ընկղմվեց փոշու մեջ։ Ոչինչ, միայն թե գնա։ Մի քանի րոպե ևս, ու նրանք կհասնեն փոշեգնացի տանիքին։ | ||
+ | |||
+ | ― Տասներկու մետր, ― պարզորոշ արտասանեց Լոուրենսը։ ― «Սելեն», մենք ընդամենը երեք մետրի վրա ենք ձեզնից, դուք այն է հա մեզ կլսեք։ | ||
+ | |||
+ | Ու նրանք լսեցին։ Բոլորը թեթևացած շունչ քաշեցին։ Դեռ տասը րոպե առաջ Հանստենը նկատել էր, որ իջեցվող կեսսոնին դիպչելով՝ թթվածնի խողովակը ցնցվում է։ Անմիջապես երևում էր, երբ էր կեսսոնը կանգնում, և երբ շարժվում նորից։ | ||
+ | |||
+ | Նորից հարված, ու միևնույն ժամանակ առաստաղից սկսեց փոշի թափվել։ Խողովակները, որոնցով օդ էր տրվում, քսան սանտիմետրի չափ կախված էին, Պաթը կցաները սվաղել էր շուտ չորացող ցեմենտով, որը մտնում էր յուրաքանչյուր տիեզերանավի վթարային հանդերձանքի մեջ։ Ըստ երևույթին, այդ ծեփանը թուլացել էր։ Բայց մանր փոշեանձրևը, որ ծորում էր անցքերից, շատ աննշան էր, որպեսզի անհանգստացներ ուղևորներին։ Այնուամենայնիվ, Հանստենը որոշեց դրա վրա հրավիրել նավապետի ուշադրությունը։ | ||
+ | |||
+ | ― Տորօրինակ է, ― նկատեց Պաթը, նայելով խողովակի ծայրին։ ― Այդ ցեմենտը ոչինչ չպետք է որ բաց թողնի․․․ | ||
+ | |||
+ | Նա բարձրացավ բազկաթոռին և ուշադիր նայեց կցաններին։ Մի պահ լռեց, ապա ցատկեց ցած։ Երևում էր, Պաթը մտահոգված էր ինչ֊որ բանով։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է պատահել, ― կամաց հարցրեց Հանստենը։ | ||
+ | |||
+ | Կոմոդորը արդեն լավ էր ուսումնասիրել Պաթին, նա իսկույն հասկացավ, որ պատահածը վատ բան է։ | ||
+ | |||
+ | ― Խողովակը վեր է սողում, ― պատասխանեց նավապետը։ ― Տախտակամածի վրա մեկնումեկը անփույթ է աշխատում։ Կցանները ծեփելուց հետո մեկ սանտիմետր քաշվել է։ | ||
+ | |||
+ | Հանկարծ նա սփրթնեց։ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ, ― շշնջաց Պաթը։ ― Իսկ եթե պատճառը մե՞նք ենք, եթե մենք շարունակում ենք ընկղմվե՞լ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ անենք, ― հանգիստ հարցրեց կոմոդորը։ ― Զարմանալու ոչինչ չկա, մեր ծանրության տակ փոշին սեղմվում է։ Դա դեռևս չի նշանակում, որ մեզ վտանգ է սպառնում։ Այդ խողովակից դատելով, քսանչորս ժամվա ընթացքում մենք ընկղմվել ենք մեկ սանտիմետր։ Եթե հարկ լինի, վերևից կավելացնեն խողովակները։ | ||
+ | |||
+ | Պաթը շփոթված ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Դե, իհարկե, այդպես էլ կա։ Եվ ինչպե՞ս ինքս չկռահեցի։ Հավանաբար, մենք շարունակ դանդաղ իջնում ենք, պարզապես մինչև հիմա դրանում համոզվելու առիթ չէր եղել։ Ես, այնուամենայնիվ, կզեկուցեմ միստր Լոուրենսին, դա կարող է ազդել նրա հաշվումների վրա։ | ||
+ | |||
+ | Պաթ Հարրիսոնը շրջվեց, որպեսզի գնա փոշեգնացի առաջնամասը։ Նա չհասցրեց նույնիսկ երկու քայլ անել։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսանհինգերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Միլիոն տարի էր պետք եկել բնությանը, որպեսզի պատրաստեր ծուղակը, որի մեջ ընկել էր «Սելենը»։ Իսկ երկրորդ անգամ նավն ինքը փոս փորեց իր համար։ | ||
+ | |||
+ | Հարկ չկար, որպեսզի կոնստրուկտորները չափից ավելի թեթևացնեն փոշեգնացը, մանավանդ, որ ճանապարհորդությունը տևում էր միայն մի քանի ժամ։ Այդ պատճառով էլ նրանք «Սելենը» չէին օժտել հնարամիտ, թեև ոչ շատ գովերգված հարմարանքով, որը տիեզերանավերին հնարավորություն է տալիս նորից շրջանառության մեջ դնելու արդեն օգտագործված ջուրը։ Այստեղ հարկ չկար խնայելու յուրաքանչյուր կաթիլը, և ինչ որ ընկնում էր կոյուղին, փոշեգնացը ուղղակի դուրս էր նետում։ | ||
+ | |||
+ | Վերջին հինգ օրվա ընթացքում մի քանի հարյուր կիլոգրամ ջուր ու գոլորշի էր փոխանցվել շրջապատող միջավայրը։ Ագահաբար կուլ տալով ջուրը, լուսնափոշին թրջվել ու ցեխ էր դարձել։ Ծովի ողջ նավամերձ շրջանը ներծծել էր խոնավությունը։ Դանդաղ ու աննշմարելի կերպով փոշեգնացը ողողել էր իր մահիճը։ Վերևից իջեցված կեսսոնի թեթևակի հպումն իսկ վճռական եղավ։ | ||
+ | |||
+ | Առաջին նշանը, որից տախտակամածի վրա կռահեցին, որ աղետ է պատահել, օդամաքրիչի կարմիր լամպի ընդհատուն լույսն էր։ Միաժամանակ փրկարարների սաղավարտախոսներից բոլոր ալիքներով սկսեց ոռնալ ռադիոշչակը։ Հենց որ հերթապահ տեխնիկը սեղմեց անջատիչի կոճակը, ոռնոցը դադարեց, բայց կարմիր լույսը շարունակում էր առկայծել։ | ||
+ | |||
+ | Սարքերին նայելուն պես, Լոուրենսը իսկույն հասկացավ տագնապի պատճառը։ Օդամուղի (երկու խողովակների միացումը «Սելենի» հետ խախտվել է, օդամաքրիչներից մեկը թթվածինն ուղղակի Ծովն է մղում, իսկ երկրորդի միջով (այ քեզ ձախորդությո՜ւն) ծծում է փոշին։ «Ինչ կլինի ֆիլտրերի հե՛տ», ― ինքն իրեն հարցրեց գլխավորը, բայց անմիջապես թողեց այդ միտքն ու սկսեց կանչել փոշեգնացը։ | ||
+ | |||
+ | «Սելենը» լուռ էր։ Նա փորձեց բոլոր ալիքները, սակայն անկարող եղավ որսալ նույնիսկ մի շրշյուն։ Ծարավի ծովը անթափանց էր ինչպես ձայների, նույնպես և ռադիոալիքների համար։ | ||
+ | |||
+ | ― «Զոհվեցին», ― մտովի եզրակացրեց գլխավորը, ― վերջ։ Մի քիչ էլ որ դիմանային, կփրկեինք։ Չստացվեց։ Ընդամենը մի ժամ էլ չքաշե՛ց»։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ կարող էր պատահել։ Գուցե նավիրա՞նը չդիմացավ փոշու ճմշմանը։ Հազիվ թե։ Ներքին ճմշումը բավականին մեծ էր, որպեսզի դիմադրեր դրսի ծանրաբեռնվածությանը։ Ուրեմն նոր իջեցում է տեղի ունեցել։ Կարծես, նա նույնիսկ թեթևակի ցնցում զգաց։ Գլխավոր ինժեները սկզբից ևեթ վախենում էր նոր փլուզումից՝ բայց չգիտեր, ինչպես կանխել սպառնալիքը։ Նրանք ռիսկի դիմեցին՝ և «Սելենը» տանուլ տվեց․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | «Սելենը» հենց որ տեղաշարժվեց, Պաթ Հարրիսոնը իսկույն զգաց, որ իջեցումը ամենևին նման չէ առաջին փլուզմանը։ Այն տեղի էր ունենում շատ ավելի դանդաղ, դրսում ինչ֊որ մի բան ճռռում էր, ու ձայներ էին լսվում։ Նույնիսկ մի այդպիսի հուսակտուր ժամանակ Պաթը չկարողացավ չզարմանալ, ինչպե՞ս կարող էր փոշին նման ձայներ արձակել․․․ | ||
+ | |||
+ | Խողովակները դուրս էին գալիս, դուրս էին գալիս ցնցահարումներով, որովհետև նավախելը ընկղմվում էր ավելի արագ, և փոշեգնացը նկատելիորեն թեքվել էր։ Ջլապակին ճայթեց, ու ետևի խողովակը, որ անցման խցիկի կողմում էր, դուրս եկավ անցքից։ Եվ անմիջապես փոշին չռռաց ցած ու կախվեց օդում ամպի ձևով։ | ||
+ | |||
+ | Կոմոդոր Հանստենը բոլորից մոտ էր կանգնած անցքին և առաջինը մոտ վազեց։ Շապիկը վրայից հանելով, նա վայրկենապես գունդ դարձրեց ու խրեց բացված անցքը։ Փոշին չէր դադարում, թափվում էր ճեղքերից, բայց կոմոդորն էլ չէր զիջում։ Նա այն է հա փոշու հախից գալիս էր, երբ դուրս պրծավ առաջնամասի խողովակը։ Հիմնական լուսավորությունը հանգավ՝ նորից կաբելը կտրվեց․․․ | ||
+ | |||
+ | ― Ես այստեղ յոլա կտանե՜մ, ― բղավեց Պաթը։ | ||
+ | |||
+ | Նա ևս հանեց շապիկը և մենամարտի բռնվեց լուսնափոշու հետ։ | ||
+ | |||
+ | Պաթ Հարրիսը տասնյակ անգամ եղել էր Ծարավի ծովում, սակայն դեռ երբեք առիթ չէր ունեցել շոշափել այն։ Գորշ փոշին մտնում էր քիթը, թափում աչքերը, խեղդում ու քոռացնում նավապետին։ Ու թեև այն չոր էր, ինչպես փարավոնի դամբարանից հանված աճյունը (նույնիսկ շատ ավելի չոր, չէ որ Ծովը միլիոն անգամ ավելի հին է ուզածդ բուրգից), շոշափելիս լուսնային փոշին օճառի նման լպրծուն էր։ Պաթը զգաց, որ ինքը մտածում է այն մասին, թե կենդանի֊կենդանի թաղվելը, հավանաբար, ավելի վատ է, քան խեղդվելը․․․ Բայց ահա փոշին գնալով բարակեց, ու նա հասկացավ, որ այս անգամ խույս տվեց դառը ճակատագրից։ Լուսնային թույլ ձգողականության շնորհիվ տասնհինգմետրանոց փոշեսյունը այնքան էլ ուժեղ չէր ճնշում։ Ասենք, եթե առաստաղի անցքերը ավելի լայն լինեին, դեռևս հայտնի չէ, թե ինչով կվերջանար այդ ամենը։ | ||
+ | |||
+ | Գլխից և ուսերից փոշին թափ տալով, Պաթը զգուշորեն աչքերը բացեց։ Ոչինչ, տեսողությունը տեղում է։ Դեռ լավ է, որ վթարային լուսավորությունը չխափանվեց։ Շատ էլ պայծառ լույս չէ, բայց չեղածից լավ է։ Կոմոդորը ուժեղ խցկել էր անցքը և այժմ հանգիստ թղթե բաժակից ջուր էր ցանում փոշին նստեցնելու համար։ Հնարը շատ ազդու էր, ու գորշ ամպերը արագորեն ցեխաջուր դարձան։ | ||
+ | |||
+ | Գլուխը բարձրացնելով, Հանստենը նկատեց Պաթի հայացքը։ | ||
+ | |||
+ | ― Դե, նավապետ, ― ասաց նա, ― ի՞նչ կարծիքի եք։ | ||
+ | |||
+ | Օլիմպիական սառնասրտությո՜ւն։ Այդ սառնարյունությունը կարող է համբերությունից հանել մարդուն, մտածեց Պաթը։ Թեկուզ մի անգամ կոմոդորին տեսներ շփոթված։ Հիմար բան է, նրա մեջ նախանձը, նույնիսկ խանդն է խոսում, որ միանգամայն հասկանալի է, բայց անարժան Պաթին։ Նա ամոթանք տվեց իրեն։ | ||
+ | |||
+ | ― Պատկերացում չունեմ, թե ինչ է պատահել, ― պատասխանեց նա։ ― Գուցե վերևի՞ց կասեն մեզ։ | ||
+ | |||
+ | Փոշեգնացը թեքվել էր երեսուն աստիճանի տակ, և վարորդի տեղը գնալու համար պետք էր բարձրանալ դեպի վեր։ Ռադիոկայանի առջև նստած, Պաթը հանկարծ մի բութ հուսաբեկություն զգաց, ինչպիսին չէր զգացել ճակատագրական փլուզումից ի վեր։ Մի այնպիսի զգացում, ասես բոլոր աստվածները երես էին դարձրել իրենցից ու այլևս պայքարելը իմաստ չուներ։ | ||
+ | |||
+ | Նա վերջնականապես դրանում համոզվեց, երբ փորձեց միացնել ռադիոկայանը և նկատեց, որ այն չի աշխատում։ Հոսանք չկա, չարաբաստիկ խողովակը իր գործը տեսել էր․․․ | ||
+ | |||
+ | Պաթը դանդաղ շրջվեց տեղում։ Քսանմեկ հոգի հարցախույզ հայացքով նայում էին նավապետին, թե ի՞նչ կասի նա։ Նրանցից քսանն այժմ գոյություն չունեին նրա համար։ Պաթը միայն Սյուին էր տեսնում, նրա աչքերը։ Մտահոգ, լարված հայացք, և նույնիսկ այժմ աներկյուղ։ Ու վհատությունն անցավ, նրան դուրս մղեց ուժի ու հույսի հոսանքը։ | ||
+ | |||
+ | ― Ազնիվ խոսք, չգիտեմ, թե ինչ է պատահել, ― ասաց նա։ ― Սակայն մի բանում ես վստահ եմ․ մենք դեռ կորած չենք, մինչ այդ դեռ շատ կա, հարյուր լուսատարի։ Նույնիսկ եթե, մի փոքր ընկղմվենք, սարսափելի ոչինչ չկա, վերևում աշխատող մեր ընկերները շուտով կգտնեն մեզ նորից։ Մի փոքր ձգձգում, և ուրիշ ոչինչ։ Անհանգստանալու հարկ չկա։ | ||
+ | |||
+ | ― Չկարծեք, որ ես խուճապահար եմ, նավապետ, ― ասաց Բարրետը, ― բայց եթե տախտակամածն էլ է խորտակվե՞լ։ Ի՞նչ կլինի այն ժամանակ։ | ||
+ | |||
+ | ― Այդ մենք կստուգենք, հենց որ կարգի բերեմ ռադիոկապը, ― պատասխանեց Պաթը, մռայլորեն նայելով ոտքերի տակ քարշ եկող լարերին։ ― Եվ մինչև ես գլուխ կհանեմ այս վերմիշելից, ստիպված պետք է լինենք յոլա գնալ վթարային լուսավորությամբ։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ առարկում, ― նկատեց միսսիս Շաստերը։ ― Իմ կարծիքով, այսպես վատ չէ։ | ||
+ | |||
+ | «Շնորհակալ եմ քեզնից, բարի մարդ», ― մտովի ասաց Պաթը։ Նա մի արագ հայացք նետեց մյուսների վրա։ Այդ լույսի տակ դժվար էր տեսնել դեմքերի արտահայտությունը, բայց կարծես բոլորը հանգիստ էին․․․ | ||
+ | |||
+ | Հանգստությունը տևեց ուղիղ մեկ րոպե, ― ավելին չպահանջվեց համոզվելու համար․ ո՛չ ռադիոն, ո՛չ լույսը վերանորոգել չի լինի։ Լարերը դուրս են պրծել պաշտպանական խողովակից, իսկ անհրաժեշտ գործիքներ չկային։ | ||
+ | |||
+ | ― Սա արդեն շատ վատ է, ― եզրակացրեց Պաթը։ ― Մենք ոչինչ չենք կարող նրանց ասել, մինչև վերևից միկրոֆոն չիջեցնեն մեզ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դա նշանակում է, ― միջամտեց Բարրետը, որը ակներևաբար հակված էր նկատելու միայն ամենամռայլ կողմերը, ― որ նրանք չեն կարող հաղորդակցվել մեզ հետ։ Կտարակուսեն, թե մենք զոհվել ենք ու կդադարեցնեն որոնումները․․․ | ||
+ | |||
+ | Այդ միտքն արդեն ծագել էր Պաթի գլխում, բայց նա իսկույն քշեց այն։ | ||
+ | |||
+ | ― Դուք լսեցիք գլխավոր ինժեներ Լոուրենսին, ― ասաց նա։ ― Գլխավորը այնպիսի մեկը չէ, որ զիջի, եթե ամենադույզն իսկ հույսը դեռ կա։ Դրանում կարող եք հանգիստ լինել։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ վիճակում է օդը, ― մտահոգված հարցրեց պրոֆեսոր Ջայավարդենը։ ― Չէ՞ որ մենք նորից մնացել ենք սեփական պաշարների հույսին։ | ||
+ | |||
+ | ― Մաքրիչներն արդեն աշխատում են, այնպես որ հիմա այն երկար ժամանակ կբավարարի, ― պատասխանեց Պաթը։ ― Եվ բացի այդ, շուտով խողովակները վերստին կիջեցնեն։ Նա հուսով էր, որ ձայնը բավականին վստահ է հնչում։ ― Համբերությամբ զինվենք և մի զբաղմունք ստեղծենք մեզ համար։ Երեք օր դիմացել ենք, մի կերպ մի քանի ժամ էլ կդիամանանք։ | ||
+ | |||
+ | Նա նայեց առջևում նստածներին, իմանալու համար կա՞ն արդյոք չհամաձայնվողներ։ Եվ տեսավ, որ ուղևորներից մեկը հանգիստ ոտքի է ելնում։ Չխոսկան, նիհար միստր Ռեդլին էր, որը ճանապարհորդության ընթացքում մի տասը խոսք ասած էլ չէր լինի։ | ||
+ | |||
+ | Պաթը առաջվա նման գիտեր այնքանը միայն, որ նա հաշվապահ է, ծնված Նոր Զելանդիայում, Երկրագնդի միակ երկրում, որը իր աշխարհագրական դիրքի պատճառով ինչ֊որ չափով դեռևս մեկուսի էր մնացել։ Հասկանալի է, այնտեղ ընկնելը նույնքան հեշտ է, ինչքան Երկրագնդի ուզածդ կետը, բայց Նոր Զելանդիան՝ վերջին կայանն է, և ոչ թե միջակա կանգառ մեծ մայրուղու վրա։ Ու նորզելանդացիները շարունակում էին հպարտությամբ պահպանել իրենց անհատականությունը։ Հիմքից զուր չէր նրանց այն պնդումը, որ Բրիտանական կղզիները Ատլանտյան համագործակցությանը կուլ գնալուց հետո կարողացել են փրկել անգլիական մշակույթի մնացորդները։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինչ֊որ բա՞ն էիք ուզում ասել, միստր Ռեդլի, ― հարցրեց Պաթը։ | ||
+ | |||
+ | Ռեդլին իր շուրջը նայեց ուսուցչի հայացքով, որը պատրաստվում է դիմել դասարանին։ | ||
+ | |||
+ | ― Այո, նավապետ, ― սկսեց նա, ― ես պետք է խոստովանություն անեմ։ Վախենում եմ, այս ամենի մեջ, որ մեզ հետ պատահել է, ես եմ մեղավոր։ | ||
+ | |||
+ | |||
+ | Երբ գլխավոր ինժեներ Լոուրենսը ընդհատեց իր ռեպորտաժը, ընդամենը երկու վայրկյան պահանջվեց, որպեսզի Երկրում հայտնի դառնար նոր աղետի մասին․ մինչև Մարս ու Վեներա լուրը հասավ մի քանի րոպե անց։ Բայց թե ի՞նչ էր պատահել։ Հեռուստացույցի էկրանի պատկերներից ոչինչ չէր կարելի հասկանալ․․․ Սկզբում տախտակամածի վրա մարդիկ դեսուդեն ընկան, խառնվեցին, ապա իրարանցումը ոնց որ վերջ գտավ, ու սկաֆանդրերով մարդիկ իրար գլխի հավաքվեցին։ Հավանաբար, խորհրդակցում էին։ Սակայն միայն ներքին կապն էր գործում, և հեռուստադիտողները ոչինչ չէին լսում։ Սարսափելի էր դիտել այդ համր խոսակցությունը, չիմանալով, թե ինչի մասին է խոսքը։ | ||
+ | |||
+ | Մինչ ձգվում էին անհայտության երկար ու տանջալից րոպեները, և ստուդիան փորձում էր պարզել, թե բանն ինչումն է, Ժյուլ Բրակը աշխատում էր լավ կադր ընտրել․ ամենևին էլ հեշտ գործ չէ, երբ բեմը կայուն է, իսկ դու կառչած ես մի, թեկուզ ամենահաջող կետի։ Ինչպես և բոլոր օպերատորները, Ժյուլը չէր սիրում տեղում կանգնել։ Նման կաշկանդվածությունը ջղայնացնում էր նրան։ Նա նույնիսկ հարցրեց, չի՞ կարելի արդյոք մի այլ տեղ թռչել, ու լսեց նավապետ Անսոնի պատասխանը․ | ||
+ | |||
+ | ― Ոնց չէ, պիտի սկսեմ դեսուդեն ցատկոտել այս լեռներում։ Սա տիեզերանավ է, այլ ոչ թե․․․ քարայծ։ | ||
+ | |||
+ | Շրջապատկեր և հանկարծակի մոտեցում՝ ահա այն բոլոր հնարները, որոնցից կարող էր օգտվել Ժյուլը, այն էլ չափավոր․ ոչինչ այնպես չի զայրացնում դիտողին, ինչպես սրընթաց հետ֊առաջ ցատկերը տիեզերքում կամ արագ խռնումը, երբ պատկերը, ասես, պայթում է ուղիղ քթիդ առաջ։ Տրանսֆոկատորը Ժյուլին թույլ էր տալիս Լուսնի վրա «սուրալ» ժամում հիսուն հազար կիլոմետր արագությամբ։ Այդպիսի վազքից մարդու սիրտ կխառներ․․․ | ||
+ | |||
+ | Վերջապես համր թռուցիկ ժողովն ավարտվեց, փրկարարները անջատեցին հեռախոսները։ Լոուրենսը թերևս հիմա պատասխանի այն ռադիոկանչին, որոնք նրա գլխին էին թափվում վերջին հինգ րոպեում։ | ||
+ | |||
+ | ― Տեր աստված, ― բացականչեց Սպենսերը։ ― Դուք տեսնո՞ւմ եք։ Սա ի՞նչ բան է։ | ||
+ | |||
+ | ― Տեսնում եմ, ― պատասխանեց նավապետ Անսոնը։ ― Կարծես նրանք գնում են․․․ | ||
+ | |||
+ | Փոշեսահնակները մարդկանցով հեռու էին փախչում տախտակամածից, ինչպես խորտակվող նավից։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսանվեցերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Թերևս լավ եղավ, որ «Սելենի» հետ կապն ընդհատվեց, այլապես հազիվ թե ուղևորներին քաջալերեր այն լուրը, որ փոշեսահնակները նահանջեցին։ Ասենք, այդ պահին փոշեգնացում չէին մտածում փրկարարների մասին՝ բոլորի ուշադրությունը գրավել էր Ռեդլիի անսպասելի երևալը աղոտ լուսավորված բեմում։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս դա հասկանալ, թե դուք եք մեղավոր ամեն ինչում, ― լարված լռությունը խախտեց Պաթը, առայժմ դեռ միայն լարված, առանց որևէ թշնամության, քանի որ ոչ ոք լուրջ չընդունեց նորզելանդացու ասածը։ | ||
+ | |||
+ | ― Դա երկար պատմություն է, նավապետ։ ― Ռեդլին խոսում էր միանգամայն անվրդով, բայց նրա ձայնի մեջ ինչ֊որ տարօրինակ կերկերանք կար, որը անհասկանալի էր Պաթի համար։ Թվում էր, թե նրանք լսում են ռոբոտի խոսակցությունը․ Պաթի մարմնով սարսուռ անցավ։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ ուզում ասել, որ դիտավորյալ կերպով եմ աղետի պատճառ դարձել, ― շարունակեց Ռեդլին։ ― Բայց վախենում եմ, թե այն պատահական չէ, ու ես շատ եմ ցավում, որ ձեզ գցել եմ այդ պատմության մեջ։ Հասկանում եք, նրանք ինձ հետապնդում են։ | ||
+ | |||
+ | «Միայն սա էր պակաս, ― մտածեց Պաթը։ ― Ամեն, ամեն ինչ թարսվել է։ Մեր այս փոքրիկ խմբում կա հիստերիկ պառաված օրիորդ, կա թմրամոլ, հիմա էլ այս խելագարը մեջ ընկավ։ Էլ ի՞նչ ասես, որ չենք տեսնելու մինչև վերջներս գա»։ | ||
+ | |||
+ | Սակայն իսկույն նա ինքն իրեն ասաց, որ արդարացի չէ։ Ճիշտն ասած, նրա բախտը բերել է։ Մի կողմից՝ Ռեդլի, միսս Մոռլի և Հանս Բալդուր (ի դեպ, Բալդուրը այն միակ դեպքից հետո, որի մասին ոչ ոք չէր հիշեցնում, իրեն անթերի էր պահում), բայց մյուս կողմից՝ կոմոդորը, դոկտոր Մըքենզին, Շաստեր ամուսինները, փոքրիկ պրոֆեսոր Ջայավարդենը, Դեվիդ Բարրետը։ Ասենք մնացածները, նույնպես դեռ անմռունչ կատարում են նավապետի կարգադրությունները։ Պաթը հանկարծ բարի զգացմունքներով, քնքշությամբ համակվեց դեպի այդ մարդիկ՝ նրանց գործունյա կամ անգործունյա աջակցության համար։ | ||
+ | |||
+ | Հատկապես դեպի Սյուն, որը այս անգամ էլ իրենից շուտ գլխի ընկավ։ Իր խցիկում, նավախելում նա ամենայն անբռնազբոսիկությամբ, կարծես ի միջի այլոց, աննկատելի՝ համենայն դեպս Ռեդլիի համար, դեղարկղիկից հանեց քնաբեր ամպուլան։ Եթե որևէ օյին սարքի, ինքը միջոցներ կձեռնարկի։ | ||
+ | |||
+ | Սակայն դեռևս Ռեդլիի վարմունքի մեջ սպառնալից ոչինչ չկար։ Նա միանգամայն տիրապետում էր իրեն, խոսում էր հասկանալի ու կշռադատելով՝ ոչ աչքերի խելահեղ փայլ, ոչ աննորմալության որևէ այլ արտաքին նշան։ Մի սովորական, հասակն առած նորզելանդացի հաշվապահ, որն իր արձակուրդն անց է կացնում Լուսնի վրա։ | ||
+ | |||
+ | ― Դա շատ հետաքրքիր է, միստր Ռեդլի, ― ասաց կոմոդոր Հանստենը խաղաղ ձայնով, ― բայց դե դուք ներեք մեզ մեր տգիտության համար։ Ովքե՞ր են այդ «նրանք», և ինչո՞ւ են ձեզ հետապնդում։ | ||
+ | |||
+ | ― Դուք, իհարկե, լսել եք, կոմոդոր, թռչող պնակների մասին։ | ||
+ | |||
+ | ― Թռչող․․․ ինչի՞, ― զարմացավ Պաթը։ | ||
+ | |||
+ | Երևում էր, որ Հանստենը շատ ավելի լավատեղյակ էր։ | ||
+ | |||
+ | ― Այո, լսել եմ, ― պատասխանեց նա, իսկույն ձանձրույթ զգալով։ ― Կարդացել եմ տիեզերագնացության վերաբերյալ հին գրքերում։ Կարծեմ, մի ութսուն տարի առաջ դրանց շուրջը մի իսկական մասսայական պսիխոզ էր սկսվել (Ա՛հ, տեղին չօգտագործեց «պսիխոզ» բառը․․․ փա՜ռք աստծոմ Ռեդլին չնեղացավ)։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ― առարկեց նա, ― նրանք շատ ավելի շուտ են երևան եկել։ Բայց միայն անցյալ դարում մարդիկ ուշադրություն դարձրին դրանց վրա։ Կա մի հին ձեռագիր, դեռևս հազար երկու հարյուր իննսուն թվականին անգլիական մի աբբահայր մանրամասն նկարագրել է թռչող պնակը։ Առաջներում նույնպես նկատել են այն։ Մինչև քսաներորդ դարը նշված է ավելի քան տասը հազար դեպք։ | ||
+ | |||
+ | ― Մի րոպե, ― միջամտեց Պաթը։ ― Ի՞նչ է նշանակում «թռչող պնակ»։ Ես ոչինչ չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Վախենում եմ, որ ձեր կրթության մեջ բաց տեղեր կան, նավապետ, ― կարեկցանքով ասաց Ռեդլին։ ― «Թռչող պնակ» տերմինը լայնորեն տարածվեց սկսած հազար ինը հարյուր քառասունյոթ թվականից։ Այդպես կոչեցին տարօրինակ, շատ հաճախ ձվաձև ապարատները, որոնք արդեն բազում հարյուրամյակներ հետազոտում են մեր մոլորակը։ Ոմանք գերադասում են ասել «չճանաչված թռչող առարկաներ»։ | ||
+ | |||
+ | Պաթը ինչ֊որ բան հիշեց։ Հիրավի նա լսել էր այդ տերմինը արտամոլորակային հիպոթեզների առնչությամբ։ Բայց ոչ մի ապացույց չկա, որ այլ աշխարհներից տիեզերանավեր ժամանած լինեն մեր արեգակնային համակարգություն։ | ||
+ | |||
+ | ― Դուք իսկապես հավատո՞ւմ եք, ― թերահավատորեն հարցրեց ուղևորներից ինչ֊որ մեկը, ― որ Երկրի շուրջը թրև են գալիս տիեզերքից եկած հյուրեր։ | ||
+ | |||
+ | ― Ավելին, ― պատասխանեց Ռեդլին։ ― Նրանք հաճախ իջել և կոնտակների մեջ են մտել մարդկանց հետ։ Մինչև մարդու երևալը Լուսնի վրա, նրանք խարսխակայան են ունեցել Ֆարսայդում, բայց նրանք այն ոչնչացրել են, հենց որ տեղագրական առաջին հրթիռները սկսեցին խոշոր մասշտաբի լուսանկարներ անել։ | ||
+ | |||
+ | ― Որտեղի՞ց գիտեք դուք այդ ամենը, ― զարմացավ ուղևորներից մեկը։ | ||
+ | |||
+ | Բայց լսարանի թերահավատությունը ամենևին չէր շփոթեցնում Ռեդլիին․ նա, հավանաբար, վաղուց էր ընտելացել դրան։ Նորզելանդացին ուսումնասիրել էր համոզվածությունը, որը (որքան քիչ հիմնավոր լիներ) ակամա անցնում էր մյուսներին։ Նա իրեն հիանալի էր զգում այն արտասովոր երևակայական աշխարհում, դեպի որը նրան մղում էր խելացնորությունը։ | ||
+ | |||
+ | ― Մենք․․․ կոնտակտ հաստատեցինք նրանց հետ, ― հաղթականորեն ասաց նա։ ― Մի քանի հոգի կարողացան հեռազգացական կապ հաստատել թռչող պնակների անձնակազմերի հետ։ Եվ մենք արդեն բավական բան գիտենք նրանց մասին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ մյուս մարդի՞կ, ― խոսեց ևս մի թերահավատ։ ― Եթե իսկապես Երկրի շուրջը թռչում են պնակներ, ինչո՞ւ դրանց չեն տեսել ո՛չ աստղագետները, ո՛չ տիեզերագնացները։ | ||
+ | |||
+ | ― Բանն էլ հենց այն է, որ տեսել են, ― պատասխանեց Ռեդլին, ներողամտաբար ժպտալով։ ― Տեսել են, բայց ոչ ոքի չեն ասում։ Գիտնականները լռության դավադրության ուխտ են արել, նրանք չեն ուզում ընդունել, որ տիեզերքում մեզանից շատ ավելի խելացի էակներ կան։ Ու երբ օդաչուն զեկուցում է, որ տեսել է պնակ, նրան ծիծաղի առարկա են դարձնում։ Հասկանալի է, որ տիեզերագնացները գերադասում են լռել իրենց տեսածի մասին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք, կոմոդոր, չե՞ք պատահել դրանց, ― հարցրեց միսսիս Շաստերը, որը բացահայտորեն հակված էր հավատալու նորզելանդացուն։ ― Թե՞ դուք նույնպես մասնակցում եք այդ, ինչպես միստր Ռեդլին անվանեց, լռության դավադրությանը։ | ||
+ | |||
+ | ― Ցավոք սրտի, պետք է ձեզ վշտացնեմ, ― ասաց Հանստենը։ ― Դուք կարող եք ինձ չհավատալ, բայց երբևիցե ինձ հանդիպած բոլոր տիեզերանավերը Լլոյդի գրանցման մատյանում կան։ | ||
+ | |||
+ | Նա որսաց Պաթի հայացքը և թեթևակի գլխով արեց, կարծես ասելով․ «Գնանք, խորհրդակցենք օդասահանքի խցիկում»։ Այժմ, երբ պարզվեց, որ Ռեդլին անվնաս է, Հանստենը նույնիսկ ուրախ էր կատարվածի համար, որը այդպիսի արագությամբ ուղևորների ուշադրությունը շեղեց նոր բարդություններից։ Եթե փոքրիկ հաշվապահի զառանցագին հերյուրանքը զբաղեցնում է նրանց, թող շարունակի։ | ||
+ | |||
+ | ― Դե, Պաթ, ― ասաց կոմոդորը, հենց որ դուռը բաժանեց նրանց աշխուժորեն վիճաբանող ուղևորներից, ― ի՞նչ կարծիքի եք նրա մասին։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե հավատում է այդ անհեթեթությանը։ | ||
+ | |||
+ | ― Բանն էլ հենց նրանում է, որ հավատում է։ Ես արդեն հանդիպել եմ նման մարդկանց։ | ||
+ | |||
+ | Հանստենը բավականին ծանոթ էր այդ տարօրինակ պսիխոզին, որը համակել էր Ռեդլիին․ իզուր չէ, որ նա տիեզերաբանությամբ հրապուրվեց դեռ քսաներորդ դարում։ Երիտասարդ ժամանակ կոմոդորը նույնիսկ մի քանի ինքնօրինակ գրոտումներ է կարդացել այդ մասին․ դա մի այնպիսի անամոթ խաբեություն կամ երեխայական պարզամտություն էր, որ մի պահ նա նույնիսկ կասկածեց, թե արդյոք մարդը բանակա՞ն էակ է։ Զայրույթ էր պատճառում միայն հենց այն միտքը, որ նման գրականությունը կարող է այդպիսի անզուսպ հաջողություն ունենալ։ Ճիշտ է, այդպիսի գրքերի մեծ մասը լույս են տեսել «Խելահեղ հիսնական» թվականներին, որոնք պսիխոզի տարիներ էին։ | ||
+ | |||
+ | ― Չափազանց անհեթեթ կացություն է, ― գանգատվեց Պաթը։ ― Մի այսպիսի ժամանակ բոլոր ուղևորները վիճաբանում են թռչող պնակների շուրջ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես կարծում եմ, դա հիանալի է, ― պատասխանեց կոմոդորը։ ― Ինչո՞վ այլևս զբաղվեն, ի՞նչ եք առաջարկում։ Ուղղակի ասենք, չէ որ մեզ մնում է միայն նստել ու սպասել, մինչև Լոուրենսը նորից տանիքը կթակի։ | ||
+ | |||
+ | ― Եթե միայն նա այնտեղ է։ Բարրետը ճիշտ է ասում, տախտակամածը կարող էր խորտակվել։ | ||
+ | |||
+ | ― Հազիվ թե․․․ Ցնցումը շատ թույլ էր։ Ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն ենք իջել։ | ||
+ | |||
+ | Հանստենի հարցը Պաթին մտածել տվեց։ Այժմ նրան թվում էր, որ նրանք երկար ժամանակ էին իջնում։ Կիսախավար, մենամարտ փոշու հետ՝ այս ամենը խանգարեցին ժամանակի զգացումը, և նա կարող էր միայն կռահել։ | ||
+ | |||
+ | ― Ասենք, մի տասը մետր․․․ | ||
+ | |||
+ | ― Հիմարությո՛ւն։ Դա տևեց ընդամենը մի քանի վայրկյան։ Երկու֊երեք մետր, ոչ ավելի։ | ||
+ | |||
+ | «Գոնե ճիշտ լիներ կոմոդորը, ― մտածեց Պաթը։ Նա գիտեր, թե ինչքան դժվար է դատել փոքրիկ արագությունների մասին, մանավանդ երբ ուշադրությունդ բթացած է։ «Սելենում» գտնվողներից միայն Հանստենն ունի անհրաժեշտ փորձառություն։ Պետք է մտածել, նրա գնահատությունը ճիշտ է։ Եվ, համենայն դեպս, այն հուսադրող է։ | ||
+ | |||
+ | ― Վերևում, հավանաբար, ոչինչ էլ չզգացին, ― շարունակեց Հանստենը։ ― Եվ հիմա զարմանում են, թե ինչու չեն կարողանում շոշափել մեզ։ Դուք վստա՞հ եք, որ մենք ի վիճակի չենք վերականգնել ռադիոկապը։ | ||
+ | |||
+ | ― Վստահ եմ։ Բախշման տուփը ամբողջությամբ՝ կաբելի մի մասի հետ պոկվել է։ Խցիկից անհնար է այնտեղ հասնելը։ | ||
+ | |||
+ | ― Ըմ․․․ հա՜, ոչինչ չես անի։ Լավ, գնանք, թող Ռեդլին փորձի մեզ դավանափոխ անել, եթե կարող է։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ժյուլը մի հարյուր մետր օբյեկտիվով ուղեկցում էր փոշեսահնակները, մինչև կնկատեր, որ նրանք ավելի քիչ մարդ են տանում, քան բերել էին։ Յոթ հոգի, բայց եկել էր ութը։ | ||
+ | |||
+ | Նա անմիջապես օբյեկտիվը ետ տվեց ու շնորհիվ երջանիկ պատահականության, թե այն խորաթափանցության, որն աչքի ընկնող օպերատորին զանազանում էր շարքայինից, տախտակամածը բռնեց ճիշտ այն պահին, երբ Լոուրենսը խախտեց իր լռությունը։ | ||
+ | |||
+ | ― Խոսում է Ըրթսայդի գլխավոր ինժեները։ ― Նրա հոգնած ու անտրամադիր ձայնը հիշեցնում էր մի մարդու, որի լավ մշակված պլանները հանկարծ խորտակվել են։ ― Խնդրում եմ, ներեք ընդհատման համար, բայց, ինչպես դուք հավանաբար կռահեցիք, մեզ մոտ վթար է պատահել։ Ըստ երևույթին նոր իջեցում։ Քանի մետր՝ հայտնի չէ։ Մենք կորցրել ենք «Սելենը», ու նա չի պատասխանում մեր կանչերին։ Ես իմ մարդկանց կարգադրել եմ մի քանի հարյուր մետր հեռանալ։ Հազիվ թե մեզ վտանգ սպառնա, բայց ավելի լավ է ռիսկի չդիմել։ Առայժմ ես այստեղ մենակ էլ յոլա կտանեմ։ Ինձ նորից լսեք մի քանի րոպե հետո։ | ||
+ | |||
+ | Միլիոնավոր հեռուստադիտողներ տեսան, թե ինչպես Լոուրենսը, տախտակամածի ծայրին պպզած, հավաքում է զննաձողը, որի օգնությամբ առաջին անգամ հայտնաբերեց փոշեգնացը։ Քսան մետր։ Եթե նավը ավելի խորն է գնացել, էլի մի բան պետք է հնարել։ | ||
+ | |||
+ | Ահա զննաձողը մտնում է փոշու մեջ։ Ինչքան մոտենում է այն խորությանը, որտեղ նախկինում գտնվում էր «Սելենը», այնքան դանդաղում է։ Ծածկվեց 15 նիշը՝ տասնհինգ մետր։ Զննաձողը տեգի նման խրվում էր Լուսնի սիրտը։ «Ինչքա՞ն կա դեռ», ― սկաֆանդրի լռության մեջ շշնջաց Լոուրենսը։ | ||
+ | |||
+ | Պատասխանը շշմեցրեց նրան։ Եթե կացությունը այդքան լուրջ չլիներ՝ նա պարզապես կծիծաղեր․ նիշից հետո զննաձողը ընդամենը մետրուկես խորացավ։ Բայց արի ու տես, որ «Սելենը» անհավասարաչափ է իջել, որը շատ ավելի վատ է։ Ստուգումը ցույց տվեց, որ նավախելը ավելի խորն է, քան քիթը, թեքությունը՝ երեսուն աստիճան։ Սակայն դա բավական էր, որպեսզի Լոուրենսի պլանները ձախողվեին․ չէ որ նա հույս ուներ, որ կեսսոնը առանց արանքների քիփ կնստեր հորիզոնական տանիքին։ | ||
+ | |||
+ | Ինչևիցե, այժմ Լոուրենսին առաջին հերթին այլ բան էր մտահոգում։ Փոշեգնացի ռադիոն լուռ է (լավ է, եթե պատճառը միայն սնուցման անսարքությունը լինի) ― ինչպես իմանալ, արդյոք կենդանի՞ են մարդիկ։ Նրանք կլսեն, իհարկե, զննաձողի դիպչելը, բայց իրենք ոչինչ չեն կարող հաղորդել վերև․․․ | ||
+ | |||
+ | Ինչպե՞ս թե չեն կարող․ կա շատ հեշտ ու հասարակ մի եղանակ, այնքան հասարակ, որ նույնիսկ էլեկտրոնիկայի հարյուր հիսուն տարվա տիրապետությունից հետո մտահան չեն անում։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը ձգվեց տեղում և կապվեց փոշեսահնակների հետ։ | ||
+ | |||
+ | ― Կարող եք վերադառնալ, ― ասաց նա։ ― Ոչ մի վտանգ չկա։ Փոշեգնացը ընդամենը մի երկու մետր է իջել։ | ||
+ | |||
+ | Գլխավոր ինժեներն արդեն մոռացել էր, որ իրեն հետևում են միլիոնավոր աչքեր։ Դեռ նոր գործողությունների պլան պետք էր մշակել, բայց առաջին քայլն արդեն պարզ էր նրան։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսանյոթերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | Երբ Պաթն ու կոմոդորը խուց վերադարձան, այնտեղ դեռ վիճում էին ամբողջ թափով։ Մինչև հիմա սակավախոս Ռեդլին առանց ժամանակ կորցնելու՝ բաց թողածի տեղը հանում էր։ Ասես մեկը սեղմել էր նրա գաղտնի կոճակը, կամ հանկարծ հաշվապահին ազատել էին լռության ուխտից։ Թերևս, դա այդպես էլ էր․ որոշելով, որ իր առաքելությունը միևնույն է հայտնի դարձավ, Ռեդլին շատ ուրախ էր, որ կարող է պատմել այդ մասին։ | ||
+ | |||
+ | Նման սնահավատների կոմոդոր Հանստենը շատ էր հանդիպել․ ասենք, հենց ինքնապաշտպանության համար էլ նա հարկադրված էր եղել հաղթահարելու թռչող պնակների վերաբերյալ եղած հսկայական գրականությունը։ Ամեն անգամ սկսվում էր միատեսակ, հետևյալ հարցով․ «Կոմոդոր, դուք, տիեզերքում անցկացրած տարիների ընթացքում, հավանաբար, անսովոր քիչ բան չեք տեսել»։ Պատասխանը, հասկանալի է, չէր գոհացնում զրուցակցին, ու հաջորդում էր քողարկված, իսկ երբեմն էլ ոչ այնքան քողարկված ակնարկը՝ թե իբր Հանստենը խուսափում է ճիշտն ասելուց։ Ապարդյուն աշխատանք կլիներ այդ մեղադրանքը հերքելը․ ուղղադավանը պարզապես եզրակացնում էր, որ կոմոդորը մասնակցում է դավադրությանը։ | ||
+ | |||
+ | Մնացած ուղևորները դառը փորձ չունեին, ու Ռեդլին հեշտությամբ ջրում էր նրանց փաստարկները։ Նույնիսկ Շաստերին, իր ամբողջ իրավագիտական հմտությամբ հանդերձ, ոչ մի կերպ չէր հաջողվում փոքրիկ հաշվապահին պատին դեմ տալ․ նույն հաջողությամբ նա կարող էր շիզոֆրենիկին հավատացնել, որ նրան ոչ ոք չի հետապնդում։ | ||
+ | |||
+ | ― Բայց մի՞թե ճշմարտանման բան է, ― պնդում էր Շաստերը, ― որ այդ մասին իմացող հազարավոր գիտնականներից և ոչ մեկը բերնից չթռցնի։ Այդպիսի գաղտնիքը պահելն անհնար է։ Միևնույն է, թե փորձես թաքցնել Վաշինգտոնի հուշարձանը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ չէ՞ որ ճշմարտությունը բացահայտելու փորձեր եղել են, ― պատասխանեց Ռեդլին։ ― Սակայն վկայությունները ինչ֊որ խորհրդավոր միջոցներով ոչնչացվում էին, ― ինչպես և մադիկ, որոնք ցանկանում էին թափանցել գաղտնիքի մեջ։ Նրանք, երբ հարկն է, ոչինչի առաջ կանգ չեն առնում։ | ||
+ | |||
+ | ― Չէ որ դուք ասացիք, թե նրանք կոնտակտի մեջ են մտնում մարդկանց հետ։ Ինչ֊որ հակասություն է ստացվում։ | ||
+ | |||
+ | ― Ամենևին էլ ոչ։ Հասկացեք, ինչպես տիեզերքում, նույնպես և Երկրի վրա միմյանց դեմ մարտնչում են բարի և չար ուժերը։ Ոմանք ուզում են օգնել մեզ, մյուսները՝ ստրկացնել։ Այս երկու խմբավորումների կռիվը հազարավոր տարիներ ի վեր շարունակվում է։ Երբեմն այդ պայքարի մեջ ընդգրկվում է նաև Երկիրը, այդպես կործանվեց Ատլանտիդան։ | ||
+ | |||
+ | Հանստենը ակամա ժպտաց։ Ամեն ինչ ճիշտ է, ահա և Ատլանտիդան մեջ ընկավ, ուրիշները վկայակոչում են Լեմուրիան կամ Մուն, անուններ, որոնք խիստ ազդում են անհավասարակշիռ, միստիկայի հակումներով մարդկանց վրա։ | ||
+ | |||
+ | Եթե հիշողությունը իրեն չի դավաճանում, մի խումբ հոգեբաններ դեռևս յոթանասունական թվականներին մանրակրկիտ կերպով ուսումնասիրեցին «թռչող պնակների» հարցը։ Նրանք եկան այն եզրակացության, որ քսաներորդ դարի կեսերին բազմաթիվ մարդիկ հաստատապես հավատում էին աշխարհի մոտակա կործանմանը։ Մնում էր միայն հույս դնել տիեզերքից եկող միջամտության վրա․ կորցնելով հավատն իր նկատմամբ, մարդը փրկություն էր սպասում երկնքից։ | ||
+ | |||
+ | Գրեթե տասը տարի այդ «պնակային» կրոնը տիրապետում էր մարդկության խելքը թռցրած մասի մտքերին, հետո հանկարծակի հյուծվեց֊գնաց, ինչպես իր գործը տեսած համաճարակը։ Հոգեբանների կարծիքով հարցը երկու հանգամանք լուծեց․ նախ, բոլորին ձանձրացրեց այդ ցնորքը, երկրորդ, Միջազգային գեոֆիզիկական տարին ազդարարեց մարդու մուտքը տիեզերք։ | ||
+ | |||
+ | ՄԳՏ֊ն տևեց տասնութ ամիս, ու այդ ժամանակամիջոցում երկնային ոլորտը հետախուզեցին ու հետազոտեցին շատ ավելի սարքեր և փորձված ուսումնասիրողներ, քան նախորդած բոլոր հազարամյակների ընթացքում։ Եթե արտամոլորակային բարձրունքներում իսկապես երկնային հյուրեր ճախրեին, գիտնականների համատեղ ջանքերը անխուսափելիորեն կհաստատեին այդ բանը։ Վերջապես, Երկրից տիեզերք մեկնեցին առաջին տիեզերանավերը մարդկանցով հանդերձ, բայց նրանք նույնպես չհանդիպեցին ոչ մի թռչող պնակի։ | ||
+ | |||
+ | Մարդկանց մեծամասնության համար դա միանգամայն բավական էր։ Բոլոր այդ չճանաչված թռչող առարկաները, որ նկատվել են բազում դարեր շարունակ, հենց իր՝ բնության ծնունդն են եղել, և օդերևութաբանության ու աստղագիտության զարգացմանը զուգընթաց գտնվեցին դրանց բավականաչափ համոզիչ բացատրություններ։ Տիեզերական դարագլխին նորից վերածնվեց մարդու հավատը իր առաքելության նկատմամբ, ու աշխարհը բոլորովին կորցրեց հետաքրքրությունը թռչող պնակների հանդեպ։ | ||
+ | |||
+ | Սակայն կրոնը բոլորովին հազվադեպ է մեռնում։ Մի խումբ հավատացյալները պաշտամունքը պահպանում էին արտառոց «հայտնություններով», երկրաբնակների հետ կայացած հանդիպումների մասին ասեկոսներով, հեքիաթներ էին պատմում հեռազգացական կոնտակտների մասին։ Ու որքան էլ հերթական մարգարեներ էին մերկացվում խաբեության մեջ, ֆանատիկոսները իրենցն էին պնդում։ Նրանք իրենց աստվածների կարիքն ունեին և չէին ցանկանում հրաժարվել նրանցից։ | ||
+ | |||
+ | ― Դուք այդպես էլ չբացատրեցիք, ― չէր հանգստանում Շաստերը, ― թե ինչու են այդ պնակավորները հենց ձեզ հետապնդում։ Ի՞նչ եք արել դուք, ինչո՞վ եք զայրացրել նրանց։ | ||
+ | |||
+ | ― Ես չափից ավելի եմ մոտեցել նրանց որոշ գաղտնիքներին, և նրանք էլ ահա օգտվեցին առիթից ինձ մեջտեղից վերացնելու համար։ | ||
+ | |||
+ | ― Շատ ավելի հեշտ միջոց կարող էին գտնել։ | ||
+ | |||
+ | ― Անմտություն է ենթադրել, թե մեր սահմանափակ բանականությունը ի վիճակի է ըմբռնել նրանց մտածելակերպը։ Բայց եկեք համաձայնեք․ բոլորը կմտածեն, որ դժբախտ դեպք է պատահածը, ոչ ոք չի կասկածի, որ դա այլևս ոչ մի դեր չի խաղում, միգուցե, դուք ասեք մեզ, թե ի՞նչ գաղտնիքի էիք հետամուտ լինում։ Դա, ինձ թվում է, բոլորին կհետաքրքրի։ | ||
+ | |||
+ | Հանստենը նայեց Իրվինգ Շաստերի կողմը։ Մինչև հիմա իրավաբանը նրան թվում էր ավելի շատ մռայլ, հումորի զգացումից զուրկ մարդ․ որտեղի՞ց հանկարծ այդ հեգնանքը։ | ||
+ | |||
+ | ― Հաճույքով կպատմեմ, ― պատասխանեց Ռեդլին։ ― Ճիշտն ասած դա սկսվեց դեռ ինը հարյուր հիսուներեքին, երբ ամերիկյան աստղագետ Օ' Նիլը այստեղ, Լուսնի վրա հայտնաբերեց խիստ ուշագրավ մի բան։ Ճգնաժամերի ծովի արևելյան ծայրամասում նա հայտնագործեց ոչ մեծ մի կամուրջ։ Մյուս աստղագետները, հասկանալի է, ծաղրեցին նրան, սակայն ավելի պակաս նախապաշարվածները հաստատեցին կամրջի գոյությունը։ Իսկ արդեն մի քանի տարի հետո կամուրջը չքվեց։ Հավանորեն, մեր ուշադրությունը անհանգստացրեց պնակավորներին, ու նրանք քանդեցին այն։ | ||
+ | |||
+ | Դա «հավանորեն», ասաց իրեն Հանստենը, «պնակապաշտների» տրամաբանության հիանալի օրինակ է, անհեթեթության անջրպետի վրայով ճարպիկ ցատկ կատարել դեպի միանգմայն շշմեցուցիչ նորմալ բանականությունը։ Նա երբեք չի լսել Օ'Նիլի կամրջի մասին, բայց աստղագիտության պատմությանը հայտնի են բազմաթիվ սխալ բացատրություններ։ Բնորոշ օրինակը մարսյան ջրանցքներն են։ Ամենաբարեխիղճ հետազոտողները նորից ու նորից խոսում էին նրանց մասին, իսկ մինչդեռ ջրանցքներ չկային, համենայն դեպս, ոչինչ՝ նման Լովելլի և մյուսների կողմից նկարված նրբագեղ սարդոստյանին։ Թե՞ Ռեդլին գտնում է, որ Լովելլի դիտումների ու Մարսի առաջին պարզ լուսանկարների միջև ընկած ժամանակամիջոցում ինչ֊որ մեկը լցրել է ջրանցքները։ Նա միանգամայն ընդունակ է այդ բանը հայտարարելու։ | ||
+ | |||
+ | Ավելի շուտ «Օ'Նիլի կամուրջը» ոչ այլ ինչ է, քան լուսավորության քմահաճույքներ, մշտապես փոփոխվող լուսային ստվերների խաղ։ Բայց, իհարկե, մի նման պարզ պատասխան չի բավարարում Ռեդլիին։ Ի դեպ, ի՞նչ գործ ունի նա այստեղ, Ճգնաժամերի ծովից երկու հազար կիլոմետր հեռավորության վրա։ | ||
+ | |||
+ | Այդ նույն հարցը ծագեց նաև ուղևորներից մեկ ուրիշի մոտ, ու նա անմիջապես տվեց այն։ Ինչպես միշտ, Ռեդլիի համոզիչ պատասխանը պատրաստ էր։ | ||
+ | |||
+ | ― Ես հույս ունեի, սովորական զբոսաշրջիկ ձևանալով, վանեմ ինձնից նրանց կասկածները։ Իմ փնտրած ապացույցը Արևմտյան կիսագնդում է՝ ես դիտավորյալ գնում եմ Արևելյանը։ Մտքիս դրել էի Ֆարսայդով հասնել Ճգնաժամերի ծով, ու միաժամանակ տեսնել այլ վայրեր։ Բայց նրանք խորամանկությամբ գերազանցեցին ինձ։ Մտքովս չանցավ, որ նրանց գործակալներից մեկնումեկը կարող է հետևել ինձ։ Չէ որ նրանք կարողանում են մարդկային կերպարանք առնել։ Ըստ երևույթին, նրանք ինձ հետևում էին Լուսնի վրա իջնելուս պահից ի վեր։ | ||
+ | |||
+ | ― Իսկ կարելի՞ է իմանալ, ― ասաց միսսիս Շաստերը, որը ավելի ու ավելի լուրջ էր ընդունում Ռեդլիի խոսքերը, ― թե հիմա նրանք ինչ կանեն մեզ հետ։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ է այդ մասին չմտածել, տիկին, ― պատասխանեց Ռեդլին։ ― Մենք գիտենք, որ նրանք այրեր ունեն Լուսնի ընդերքում։ Ես չեմ տարակուսում, մենք հենց այդպիսի անձավ էլ ընկել ենք։ Բավական էր նրանք տեսնեին, որ փրկարարները հասել են մեզ, իսկույն ևեթ միջամտեցին վերստին։ Վախենում եմ, որ այժմ մենք շատ խորն ենք, մեզ այլևս ոչ ոք չի ազատի։ | ||
+ | |||
+ | «Բավական է այդ բարբաջանքը լսենք, ― ինքն իրեն ասաց Պաթը։ ― Զվարճացանք, կատակցինք՝ բավական է։ Բայց այս խելագարը արդեն սպառնում է տրտմություն պատճառել բոլոր ուղևորներին։ Ինչպե՞ս փակել նրա բերանը»։ | ||
+ | |||
+ | Լուսնի վրա, ինչպես և տիեզերական բոլոր հեռավոր բնակավայրերում խելագարության դեպքերը հազվադեպ էին, և Պաթ Հարրիսը չգիտեր ինչպես վարվել։ Մանավանդ, որ խոսքը խիստ ինքնավստահ մեկին էր վերաբերվում, որը կարողանում է իր խելագարությամբ վարակել ուրիշներին։ Պաթն ինքն էլ սկսեց տատանվել․ գուցե Ռեդլին ճի՞շտ է ինչ֊որ բանում։ Այլ պարագաներում բնական առողջ սկեպտիցիզմը կպաշտպաներ նրան, բայց այս սպառնալից օրերը թանկ էին նստել նրան, ու կարծես նա ետ էր սովորել քննադատորեն մտածելը։ | ||
+ | |||
+ | Մի՞թե այս զավզակ մտագարի ստեղծած հմայքը փշրելու մի հարմար միջոց չկա։ | ||
+ | |||
+ | Նավապետը որոշ տհաճությամբ հիշեց այն հարվածը, որը ժամանակին քնեցրեց Հանս Բալդուրին։ Եվ, ակամա, մի խոսուն հայացք նետեց Հարդինգի վրա։ Իսկ նա առանց հապաղելու արձագանքեց․ գլխով հազիվ նկատելի նշան անելով, նա տեղից վեր կացավ։ «Ոչ, ոչ, ― ասաց Պաթը (մտքում), ― ես այդ նկատի չունեի, ձեռք մի տվեք այդ խեղճ խենթին, և ընդհանրապես՝ ի՞նչ մարդ եք դուք»։ | ||
+ | |||
+ | Ու անմիջապես թեթևացած շունչ քաշեց։ Հարդինգը, որին Ռեդլիից բաժանում էին չորս շարք բազկաթոռներ, չմոտեցավ նորզելանդացուն։ Ամբողջ հասակով մեկ ձգված՝ նա անշարժ հայացքը հառել էր հաշվապահին․ նրա նայվածքի մեջ ինչ֊որ անհասկանալի բան կար։ Արդյո՞ք խղճահարություն։ Այս աղոտ լույսի տակ չես էլ հասկանա։ | ||
+ | |||
+ | ― Ժամանակն է, որպեսզի ես էլ մասնակցեմ բանավեճին, ― ասաց Հարդինգը։ ― Այն ամենից, ինչ ձեզ հայտնեց մեր բարեկամը, համենայն դեպս, մի բան միանգամայն ճիշտ է։ Նրան իսկապես, որ հետապնդում են, բայց ոչ թե «պնակավորները», այլ ես։ Վիլֆրեդ Ջորջ Ռեդլի, սկսնակի համար, դուք այնքան էլ վատ չաշխատեցիք, պետք է շնորհավորեմ ձեզ։ Հետապնդումը հրապուրիչ էր․ Քրայսդըրչից Աստրոգրադ, ապա Կլավի, այնտեղից մինչև Տիխո, Պտոլոմեոս, Պլատոն, Պորտ֊Ռորիս ― ու այստեղ, ուր ճանապարհը, որքան ես հասկանում եմ վերջանում է։ | ||
+ | |||
+ | Խուճապի նշույլ անգամ չերևաց Ռեդլիի դեմքին։ Նա սոսկ խոնարհել էր գլուխը վեհասքանչորեն, կարծես համաձայն էր ընդունել, որ Հարդինգը գոյություն ունի, այդքանը միայն։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես դուք, հավանաբար, գլխի ընկաք, ― շարունակեց Հարդինգը, ― ես քրեական հետախուզույթյան աշխատակից եմ։ Մասնագիտանում եմ խաբեբաներ որսալու մեջ։ Շատ գրավիչ աշխատանք է, միայն այդ մասին պատմելու քիչ առիթ է լինում։ Ես շատ ուրախ եմ, որ այժմ նման առիթ ներկայացել է։ Ռեդլիի տարօրինակ հավատալիքները ինձ ամենևին չեն զբաղեցնում, համենայն դեպս, պրոֆեսիոնալ առումով։ Շատ ավելի կարևոր է այն, որ նա բարձրորակ ֆինանսական աշխատող է, լավ վճարվող պաշտոն է վարում Նոր Զելանդիայում։ Իհարկե, ոչ այնքան լավ, որպեսզի նա կարողանա մեկ ամսով Լուսին մեկնել։ Բայց դա նրան չի խանգարել։ Բանն այն է, որ միստր Ռեդլին «Ճանապարհորդություններ դեպի տիեզերք» ընկերության Քրայսդչըրչի բաժանմունքի ավագ հաշվապահ է։ Գտնում են, որ այս կազմակերպությունը հուսալիորեն ապահովագրված է ամեն կարգի չարաշահումներից, սակայն նա ինչ֊որ ձևով կարողացել է յուրացնել ուղեգիր՝ վարկագիր լիտեր «Չ», որը հնարավորություն է տալիս սրտիդ ուզածի չափ ճանապարհորդել արեգակնային համակարգությունում, օգտվել հյուրանոցներից ու ռեստորաններից, մինչև հինգ հարյուր ստոլլար ստանալ ներկայչական չեկով։ Շրջանառության մեջ այնքան էլ շատ չեն լիտեր «Չ» ուղեգրերը, այնպես են խնամում դրանք, ասես պլուտոնիումից լինեն։ Իհարկե, առաջներում նույնպես ոմանք փորձել են այդ խաղը խաղալ։ Որոշ կլիենտներ սովորություն ունեն ուղեգրեր կորցնել, իսկ ձեռներեց սուբյեկտները օգտվում են դրանից, որպեսզի թեկուզ մի քանի օր կյանք քաշեն։ Մի քանի օրից ավել չի ստացվում։ «ՃԴՏ» ընկերությունում հաշվառումը լավ հիմքերի վրա է դրված, այլ կերպ չի էլ կարող լինել։ Ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները, ու մինչ հիմա դեռ ոչ ոքի չի հաջողվել օգտվել ուրիշի ուղեգրերից մեկ շաբաթից ավելի։ | ||
+ | |||
+ | ― Ինը օր, ― անսպասելիորեն նրան ընդհատեց Ռեդլին։ | ||
+ | |||
+ | ― Խնդրում եմ ներեցեք, դուք, իհարկե, այդ բանը ինձանից լավ գիտեք․․․ Եվ այսպես, ինը օր։ Իսկ Ռեդլին գրեթե երեք շաբաթ ճանապարհորդեց, մինչև նրա հետքը գտանք։ Նա իր հերթական արձակուրդը վերցրեց ու աշխատավայրում ասաց, թե հանգստանալու է Հյուսիսային կղզում։ Փոխարենը նա մեկնեց Աստրոգրադ, իսկ այնտեղից՝ Լուսին․ Ռեդլին առաջինն է (ու մենք կարծում ենք վերջինը), որին հաջողվեց թռչել Երկրից՝ առանց վճարելու տոմսի համար։ Մենք դեռևս չգիտենք, թե ինչպես է այդ բանը հաջողվել նրան։ Ինպե՞ս է անցել ավտոմատ հսկիչներից։ Արդյո՞ք ծրագրման հատվածում գործակից է ունեցել։ «ՃԴՏ»֊ին խիստ հուզող այլ հարցեր էլ կան։ Հուսով եմ, Ռեդլի, դուք ձեր սիրտը բաց կանեք իմ առջև, պարզապես հարցասիրությունս բավարարելու համար։ Մենք ձեզ չենք հարցնում, թե ինչո՞ւ այդպես վարվեցինք՝ ինչո՞ւ զոհաբերեցիք ձեր լավ պաշտոնը և զվարճաբար զբոսանքի ելաք, որը պետք է բանտ ուղեկցեր ձեզ։ Հենց որ իմացանք, որ դուք Լուսնի վրա եք, պատճառը կռահեցինք։ Ընկերությունը գիտեր ձեր քմայքի մասին։ Բայց չէ որ այն չէր խանգարում ձեր աշխատանքին, ու ղեկավարությունը որոշեց ռիսկի դիմել։ Բայց դա շատ թանկ նստեց նրանց։ | ||
+ | |||
+ | ― Ես շատ եմ ցավում, ― արժանապատվությամբ արտասանեց Ռեդլին։ ― Ֆիրման միշտ լավ է վերաբերվել ինձ, ափսո՜ս, որ այդպես ստացվեց։ Բայց չէ որ ես բարի նպատակով եմ արել, ու եթե ինձ հաջողվեր ապացույց գտնել․․․ | ||
+ | |||
+ | Սակայն այդ պահին բոլորը, բացառությամբ քրեական հետախուզության տեսուչ Հարդինգի, կորցրեցին ամեն տեսակի հետաքրքրությունը Ռեդլիի և նրա թռչող պնակների նկատմամբ։ Վերջ ի վերջո լսվեց ձայնը, որին նրանք այնքան սպասում էին։ | ||
+ | |||
+ | Զննաձողը ճանկրտում էր փոշեգնացի տանիքը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսանութերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | «Ինչքա՜ն ժամանակ է այստեղ տնկված եմ, ― ինքն իրեն ասաց Մորիս Սպենսերը։ ― Իսկ արևը արևմուտքում նոր֊նոր է կտրվել հորիզոնից (տարօրինակ աշխարհ է), իսկ մինչև կեսօր դեռ երեք ամբողջ օր կա։ Ինչքա՞ն դեռ պետք է նստած մնամ այս լեռան վրա, լսելով նավապետ Անսոնի տիեզերական հեքիաթներն ու նայելով իգլուներով տախտակամածին» | ||
+ | |||
+ | Այդ հարցին ոչ ոք չէր կարող պատասխանել։ Երբ սկսեցին կեսսոն իջեցնել, թվում էր թե քսանչորս ժամվա մեջ ամեն ինչ կավարտվի։ Իսկ հիմա՞։ Նորից սկզբից են սկսելու։ Ու բացի այդ, հեռուստադիտողները գրավիչ կադրեր չեն տեսնի։ Ամեն ինչ տեղի կունենա կամ Ծովի խորքերում կամ էլ իգլուների ներսում։ Լոուրենսը շարունակում էր համառել, թույլ չտալով հեռուստախցիկը դնելու տախտակամածին, իսկ Սպենսերը չէր կարող կշտամբել նրան։ Մի անգամ գլխավոր ինժեների բախտը չէր բերել, ռեպորտաժի ժամանակ հիմար դրության մեջ էր ընկել։ Հասկանալի է, չի ուզում, որպեսզի կրկնվի նույնը։ | ||
+ | |||
+ | Եվ, այնուամենայնիվ, խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որպեսզի «Աուրիգան» զիջի իր դիրքերը, որը ձեռք է բերվել այդպիսի ծախսերի գնով։ Եթե ամեն ինչ լավ լինի, նա կարող է հաղորդել երջանիկ տեսարան։ Եթե ձախողվի՝ տեսարանը ողբերգական կլինի։ Վաղ թե ուշ, ուղևորներով կամ առանց նրանց, փոշեսահնակները վերադառնալու են Պորտ֊Ռորիս։ Սպենսերը չէր ուզում բաց թողնել այդ քարավանը, միևնույն է նա ճանապարհ կընկներ արևածագին, թե արևամուտին, կամ նույնիսկ անշարժ Երկրի աղոտ լույսով։ | ||
+ | |||
+ | «Սելենը» գտնելուն պես, Լոուրենսը իսկույն գործի դրեց հորատման հաստոցը։ Մոնիտորի էկրանի վրա Սպենսերը տեսնում էր, թե ինչպես է օդատար խողովակը իջնում փոշու մեջ։ Ո՞ւմ է պետք այս ամենը, եթե դեռ հայտնի չէ, թե արդյոք կենդանի մնացածներ կան։ Եվ ինչպե՞ս է առանց ռադիոյի ստուգել, արդյոք կենդանի են նրանք։ | ||
+ | |||
+ | Այս հարցը տալիս էին միլիոնավոր մարդիկ։ Հնարավոր է, որ շատերը ճիշտ պատասխան էին գտնում։ Սակայն որքան էլ տարօրինակ է, այդ միտքը «Սելենի» ուղևորներից և ոչ մեկի, նույնիսկ կոմոդորի գլխում չծագեց։ | ||
+ | |||
+ | Տանիքի վրա զգալով ծանր հարվածը, նրանք իսկույն գլխի ընկան, որ դա Ծովը զգուշորեն հետազոտող բարակ զննաձողը չէ։ Ու երբ րոպե անց հորատը ոռնոցով խրվեց ֆիբերգլասի մեջ, դա նրանց համար նույնն էր, ինչ ներումը մահապարտի համար։ | ||
+ | |||
+ | Հորատը կաբելին չառավ․ ասենք, այժմ այդ արդեն ոչ մի դեր չէր խաղում։ Ուղևորները դյութված նայում էին առաստաղին։ Ավելի ուժեղ, ավելի ուժեղ, ու ահա սկսեցին տաշեղներ թափվել․․․ Հորատը ծակեց անցավ առաստաղը և մի քսան սանտիմետր ցած իջավ։ Այն դիմավորեցին միահամուռ «ուռա՜յով»։ | ||
+ | |||
+ | «Իսկ այնուհետև՞, ― ինքն իրեն հարցրեց Պաթը։ ― Մենք չենք կարող խոսել նրանց հետ, ― ես ինչպե՞ս իմանամ, թե երբ հանեմ հորատը։ Հենց այդ էր պակասում, որ կրկնեմ սխալս»։ | ||
+ | |||
+ | Այդ լարված լռությունը անսպասելիորեն խզեց մետաղահնչյուն մի ձայն։ Տի֊տի֊տի֊տա՜ ― ազդանշան, որը մինչև մահ «Սելենի» ուղևորները չեն մոռանա․․․ Պաթը իսկույն տափակապռունկ աքցանով թխլթխկացրեց պատասխան «ո»֊ն։ Հիմա նրանք գիտեն, որ մենք ո՛ղջ ենք։ Իհարկե, նրա մտքով չէր անցնում, որ Լոուրենսը կլքի նրանց, բայց ով գիտի․․․ | ||
+ | |||
+ | Նոր ազդանշան լսվեց վերևից, բայց այս անգամ շատ ավելի դանդաղ։ Պաթ Հարրիսը հիշեց, թե ինչպիսի դժկամությամբ էին նրանք ուսումնասիրում Մորզեի այբուբենը։ Տիեզերական դարում դա բոլորովին ժամանակավրեպ էր թվում, տիեզերագնացներն ու տիեզերա֊ինժեներները ամեն կերպ դիմադրում էին, հայտարարելով, թե դա ժամանակի զուր վատնում է, թե ամբողջ կյանքում, թերևս միայն մեկ անգամ պետք գա։ | ||
+ | |||
+ | Ըստ երևույթին, իզուր չէին ուսումնասիրել։ | ||
+ | |||
+ | ― Տա֊տա֊տա, ― զնգում էր խողովակը, ― տա, տի֊տա, տա, տի֊տի, տի֊տի, տա, տի։ | ||
+ | |||
+ | Ու ճշտելու համար սկսեցին կրկնել։ Բայց Պաթն ու Կոմոդորը թեկուզև վաղուց չէին վարժվել, արդեն հասկացան։ | ||
+ | |||
+ | Հաղորդում են, որպեսզի մենք հորատը հանենք, ― ասաց Պաթը։ ― Դե լավ, սկսենք։ | ||
+ | |||
+ | Խողովակը այնպես ուժգին փնչաց, որ ակամա բոլորը վեր թռան։ Անմիջապես ճնշումը հավասարվեց, ու քսաներկու հոգի քար կտրած սպասում էին թթվածնի թարմ շնչին։ | ||
+ | |||
+ | Դրա փոխարեն խողովակը լեզու առավ։ Անցքից լսվում էր խուլ, անդրշիրիմյան, բայց միանգամայն պարզորոշ ձայն։ Ըստ երևույթին, ուղևորներից շատ քչերն էին ընդհանրապես երբևէ տեսել խոսակցելու խողովակ, մանկությունից բոլորը սովորել էին այն բանին, որ միայն էլեկտրոնիկան կարող է ձայնը հաղորդել հեռավորության վրա։ Այդ հնի մնացուկը նրանց համար նույնպիսի նորություն էր, ինչպես հեռախոսը կթվար հին հույներին։ | ||
+ | |||
+ | ― Գլխավոր ինժեներ Լոուրենսն է խոսում։ Դուք ինձ լսո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | Պաթը ափերը խողովակ դարձրած՝ խողովակի մեջ վանկ առ վանկ ասում էր․ | ||
+ | |||
+ | ― Լավ ենք լսում, պարզ է։ Ինչպե՞ս եք դուք լսում։ | ||
+ | |||
+ | ― Հիանալի։ Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Այո՛։ Ի՞նչ է պատահել։ | ||
+ | |||
+ | ― Դուք մի երկու մետր իջել եք, ուրիշ ոչինչ։ Մենք այստեղ նույնիսկ ոչինչ չնկատեցինք, միայն խողովակներից գլխի ընկանք։ Օդի կողմից ինչպե՞ս եք։ | ||
+ | |||
+ | ― Օդը լավ է։ Բայց ինչքան շուտ միացնեք պոմպերը, այնքան լավ։ | ||
+ | |||
+ | ― Մի անհանգստացեք, կսկսենք մղել, հենց որ օդամաքրիչները փոշուց մաքրենք ու երկրորդ հորատը ստանանք Պորտ֊Ռորիսից։ Մենք ընդամենը մեկ հատ պահեստային հորատ ունեինք՝ այն, որ դուք այժմ հանեցիք։ Լավ է, որ գոնե այդ կար։ | ||
+ | |||
+ | Ուրեմն, մեկ ժամի չափ կտևի։ Սակայն Պաթին այլ բան էր մտահոգում։ Նա գիտեր, թե Լոուրենսը ինչպես էր ուզում մարդկանց հանել «Սելենից»․ այժմ, երբ փոշեգնացը թեքվել էր, այդ պլանը անիրագործելի է։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կերպ եք ուզում մեզ հանել, ― ուղղակի հարցրեց նա։ Լոուրենսը փոքր֊ինչ շփոթվեց։ | ||
+ | |||
+ | ― Ես դեռ չեմ մտածել, ինչպես հարկն է, բայց ընդհանրապես մենք կեսսոնին մի հատված էլ կավելացնենք, մինչև այն հասնի «Սելենին»։ Ապա դուրս կհանենք հորի ողջ փոշին։ Մնացած սանտիմետրերը կհաղթահարենք մի կերպ։ Սակայն, մինչ այդ ես մի խնդրանք ունեմ ձեզանից։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ։ | ||
+ | |||
+ | ― Ես իննսուն տոկոսով հավատացած եմ, որ այլևս իջեցում չի լինի, իսկ եթե ես սխալվում եմ, թող այդ հիմա պատահի։ Խնդրում եմ, մի երկու րոպե բոլորդ միասին ցատկեք։ | ||
+ | |||
+ | ― Իսկ վտանգավոր չէ՞ այդ, ― տատանվեց Պաթը։ ― Հանկարծ խողովակը նորից դուրս պրծնի։ | ||
+ | |||
+ | ― Անցքը կփակեք, և ուրիշ ոչինչ։ Մի ավելրոդ անցքը ոչ մի դեր չի խաղում։ Այլ բան է, երբ մի ամբողջ լյուկ կտրենք հանենք ― այն ժամանակ նոր իջեցումը բոլորովին տեղին չի լինի։ | ||
+ | |||
+ | |||
+ | «Սելենը» շատ բան էր տեսել, բայց այս մեկը, անշուշտ, ամենազարմանալին էր։ Քսաներկու հոգի ամենայն լրջությամբ համերաշխ ցատկում էին մինչև առաստաղ ու նրանից հրվում, որպեսզի ավելի ուժեղ դոփեն հատակին։ Նավապետը լարված հետևում էր խողովակին, որը նրանց կապում էր արտաքին աշխարհի հետ։ Այսպես անցավ մեկ րոպե, ուղևորների համատեղ ջանքերը հանգեցրին այն բանին, որ փոշեգնացը մի երկու սանտիմետր նույնպես նստեց։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը թեթևացած լսեց Պաթ Հարրիսոնի զեկույցը։ Համոզվելով, որ «Սելենն» այլևս չի իջնի, նա չէր տարակուսում, որ կարող է մարդկանց վերև բարձրացնել։ Ամեն ինչ չէր, որ պարզ էր, բայց պլանն արդեն ուրվագծվում էր նրա գլխում։ | ||
+ | |||
+ | Վերջնականապես այն պարզ դարձավ «մտավոր տրեստի» հետ խորհրդակցելուց ու Ծարավի ծովում փորձեր կատարելուց տասներկու ժամ հետո։ Ինժեներական բաժինը մեկ շաբաթում ավելի շատ բան իմացավ լուսնափոշու մասին, քան բոլոր նախորդ տարիների ընթացքում։ Նա արդեն կուրորեն չէր մարտնչում անհայտ հակառակորդի դեմ։ Հաջողվեց բացահայտել թշնամու և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը։ | ||
+ | |||
+ | Նոր գծագրերն ու հարմարանքները պատրաստեցին արագ, բայց ոչ հապճեպ։ Հիմնավորապես հիշելով, որ ամեն ինչ պետք է գործի անխափան։ Իսկ եթե գործը գլուխ չգա, լավագույն դեպքում հարկավոր է թողնել կեսսոնն ու նորը ընկղմել։ Իսկ վատթարագույնը․․․ վատթարագույն դեպքում լուսնային փոշին կխեղդի «Սելենի» ուղևորներին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ― Մենք պետք է լուրջ խնդիր լուծենք, ― ասաց Թոմ Լոուսոնը․ նա լուրջ խնդիրները կյանքից շատ էր սիրում։ ― Կեսսոնի ներքին վերջավորությունը փոշու համար բաց է։ Տանիքի թեքությունը թույլ չի տա, որպեսզի կեսսոնը քիփ նստի։ Մինչև փոշին հանոցելը, պետք բաց մնացած տեղը փակել։ Ես ասացի «հանոցե՞լ»։ Սխալ է, այդ նյութը չես հանոցի, այն հարկավոր է դուրս տալ։ Ու այսպես, եթե այդ գործը սկսենք առանց արանքը փակելու, լուսնափոշին ներքևից ներս կլցվի նույնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ մենք այն կհանենք վերևից։ | ||
+ | |||
+ | Թոմը մի թունոտ ժպիտ պարգևեց իր բազմամիլիոն լսարանին․ թե գլուխ ջարդեք, որ ելք գտնե՛ք։ Մի փոքր սպասեց, մտածելու հնարավորություն տալով հեռուստադիտողներին, ապա ձեռքն առավ մոդելը, որ դրված էր ստուդիայի սեղանին։ Այն խիստ պարզ էր, բայց Թոմ Լոուսոնը շատ էր հպարտանում նրանով, որովհետև ինքն էր պատրաստել։ Դիտողներից ոչ մեկը գլխի չէր ընկնի, որ դա ընդամենը ստվարաթուղթ է՝ ալյումինե ներկով պատած։ | ||
+ | |||
+ | ― Այս խողովակը, ― սկսեց նա, ― պատկերում է հորի այն հատվածը, որը մեզ միացնում է «Սելենի» հետ։ Ինչպես արդեն ես ասացի, այն մինչև պռունկը լցված է լուսնափոշով։ Իսկ այս․․․ ― Թոմը սեղանից վերցրեց կարճլիկ գլանը, մի ծայրից փակ, ― քիփ մտնում է հորի մեջ, ինչպես մխոցը։ Նա շատ ծանր է ու ցած կձգտի, բայց լուսնային փոշին, բնականաբար, թույլ չի տա։ | ||
+ | |||
+ | Թոմը ներդրուկը այնպես շրջեց, որպեսզի գլանի հատակը հեռուստախցիկին նայի։ Հետո ցուցամատով սեղմեց մեջտեղում, ու մի փոքրիկ դռնակ բացվեց։ | ||
+ | |||
+ | ― Սա, այսպես ասած, կափարիչն է։ Քանի դեռ այն բաց է, փոշին այնտեղով ներս է թափանցում ու մխոցը կեսսոնով ցած է իջնում։ Հենց որ մխոցը հասնի հատակին, կափարիչը վերևից տրված հրամանով կփակվի։ Այժմ հորը ներքևի կողմից մեկուսացված է, փոշին կարելի է դուրս տալ։ Շատ հասարակ է թվում, այնպես չէ՞։ Իրականում դա ամենևին այդպես չէ։ Հարյուրավոր պրոբլեմներ են ծագում, որոնց մասին ես ոչինչ չեմ ասել։ Օրինակի համար, երբ կեսսոնը դատարկվի, այն դուրս կլողա արտամղիչ ուժի ազդեցության տակ, իսկ վերջինս մի քանի տոննայի կհասնի։ Գլխավոր ինժեներ Լոուրենսը խելամիտ խարսխասիստեմ է նախատեսել, որը կեսսոնը տեղում կպահի։ Դուք, իհարկե, գլխի ընկաք, որ փոշին հանելուց հետո էլ «Սելենի» տանիքի և կեսսոնի միջև եղած սեպաձև արանքը կմնա։ Թե ինչպես կհաղթահարի միստր Լոուրենսն այդ խոչընդոտը, ես չգիտեմ։ Ու ես խնդրում եմ ձեզ այլևս ոչ մի առաջարկություն չանել, առանց այդ էլ մեզ ողողել են թեթևամիտ գաղափարներով։ Մխոցը, որի մասին ես ասացի ձեզ, պատրաստվել է ու փորձարկվել է ինժեներների կողմից, ավելին՝ այն արդեն ընկղմում են հորի մեջ։ Եթե ես ճիշտ եմ ընկալում այս մարդու արած նշանների իմաստը, մեզ այժմ կմիացնեն Ծարավի ծովը, ու մենք կտեսնենք, թե ինչ է կատարվում տախտակամածի վրա։ | ||
+ | |||
+ | Հոթել «Ռորիսի» ժամանակավոր ստուդիան միլիոնավոր հեռուստաէկրաններից անհետացավ, այն փոխարինվեց մի պատկերով, որն այժմ արդեն ծանոթ էր գրեթե ողջ մարդկությանը։ | ||
+ | |||
+ | Տախտակամածի վրա ու նրա մոտ արդեն երեք տարբեր չափսի իգլուներ կային։ Արևի վառ լույսի տակ նրանք հիշեցնում էին սնդիկի երեք հսկայական փայլուն կաթիլներ։ Ամենամեծ գմբեթի մոտ կանգնած էր մի փոշեսահնակ, մյուս երկուսը հանդերձանք էին փոխադրում Պորտ֊Ռորիսից։ | ||
+ | |||
+ | Ծովից դուրս ցցված կեսսոնը հիշեցնում էր ջրհորը։ Վերևի հատվածը ընդամենը քսան սանտիմետր էր բարձր փոշուց, իսկ անցքը շատ փոքր էր թվում, որպեսզի նրա մեջ մարդ կարողանար խցկվել, մանավանդ սկաֆանդրով։ Սակայն փրկարար աշխատանքների վճռական փուլում սկաֆանդրեր չեն էլ լինի․․․ | ||
+ | |||
+ | Ժամանակ առ ժամանակ ջրհորից դուրս էր գալիս գլանաձև շերեփը։ Ոչ մեծ, բայց բավականին հզոր կռունկը այն մի կողմ էր տանում ու թափում։ Փոշու թասակը մի պահ անշարժանում էր Ծովի գորշ հարթության վրա, ապա դանդաղ սկսում էր ցրվել ու անհետանում էր, մինչև դուրս կգար հաջորդ շերեփը։ Դա մի հրապուրիչ բացօդյա ֆոկուս էր, որը հանդիսատեսներին ամեն խոսքից լավ էր պատմում, թե ինչ պետք էր իմանալ Ծարավի ծովի մասին։ | ||
+ | |||
+ | Քանի խորանում էր, շերեփը այնքան ուշ֊ուշ էր երևում։ Եվ ահա այն դուրս եկավ միայն կիսով չափ լիքը։ | ||
+ | |||
+ | Ճանապարհը բաց է։ Եթե չհաշվենք հատակի «ուղեփակոցը»։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ քսանիններորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | ― Չենք վհատվում, ― զեկուցեց Պաթը օդամուղով իջեցված միկրոֆոնի միջով։ ― Իհարկե, մենք տրտմեցինք, երբ փոշեգնացը նորից նստեց ու կապը ձեզ հետ խանգարվեց։ Բայց այժմ արդեն պարզ է, որ շուտով կհանեք մեզ այստեղից։ Լսում ենք, թե ինչպես է աղմկում շերեփը, ինչպես եք դուրս տալիս փոշին, ու գիտենք՝ դուք այստեղ եք։ Մենք երբեք չենք մոռանա այն ամենը, ինչ դուք արեցիք մեզ համար, ― ավելացրեց նա հուզված։ ― Ինչ էլ որ պատահի, մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ։ Մենք չենք կասկածում․ դուք արիք ամեն հնարավոր բան։ Իսկ այժմ միկրոֆոնը տալիս եմ մյուսին, արդեն շատ ուղերձներ են կուտակվել։ Հուսով եմ, որ այս վերջին հաղորդումն է «Սելենից»։ | ||
+ | |||
+ | Միկրոֆոնը միսսիս Ուիլյամսին հանձնելով, Պաթը հանկարծ զգաց, որ եզրափակիչ ֆրազը, թերևս, այնքան էլ հաջող չստացվեց, այն երկակի կարելի է հասկանալ։ Ասենք ոչ, այժմ, երբ փրկությունը այսքան մոտ է, անհաջողությունների հնարավորությունը բացառվում է։ Նրանք այնքան են դիմացել, որ նոր ձախորդություններ պարզապես չպետք է լինեն։ | ||
+ | |||
+ | Եվ, այնուամենայնիվ, նա գիտեր․ վերջին էտապը ամենադժվարն ու վտանգավորն է լինելու։ Արդեն մի քանի ժամ շարունակ, ― երբ գլխավոր ինժեներ Լոուրենսը նրանց պատմեց իր պլանի մասին, ― նրանք նորից ու նորից անդրադառնում էին դրան։ Ասենք այլևս ինչի՞ մասին կարելի էր խոսել, երբ թռչող պնակների թեման միահամուռ հակահարվածի հանդիպեց։ | ||
+ | |||
+ | Կարելի էր բարձրաձայն ընթերցանությամբ զբաղվել, բայց չգիտես ինչու «Շեյնը» և «Նարիջն ու խնձորը» այլևս չէին հետաքրքրում նրանց։ Ամեն ոք կարող էր մտածել սոսկ փրկարար գործողությունների ու այն նոր կյանքի մասին, որ նրանց սպասում էր նորից մարդկությանը միախառնվելուց հետո։ | ||
+ | |||
+ | Վերևից լսվեց մի խուլ, ծանր թրխկոց, որը մի բան կարող էր նշանակել․ շերեփը հատակին առավ, հորում փոշի չկա։ Կեսսոնը կարելի էր միացնել իգլուի հետ ու օդ մղել։ | ||
+ | |||
+ | «XIX» իգլուի հատակին բաց էին արել մի անցք, որը ճիշտ համընկնում էր կեսսոնի վերևի շրջանակին։ Մեկ ժամից ավելի տևեց իգլուն խնամքով հարմարեցնելն ու օդով լցնելը․ միակցման հուսալիությունից էր կախված ոչ միայն «Սելենի» ուղևորների, այլև փրկարարների կյանքը։ | ||
+ | |||
+ | Ամենամանրախնդիր ստուգումից հետո միայն գլխավոր ինժեներ Լոուրենսը սկաֆանդրը հանեց ու մոտեցավ բացված անցքին, ձեռքում պահած մի հզոր լամպ։ Ջրհորն ասես անտակ լիներ, իսկ մինչդեռ մինչև հատակը ընդամենը տանսյոթ մետր էր։ Նույնիսկ լուսնային ձգողության պայմաններում ցած գցած առարկան ընդամենը հինգ վայրկյանում հատակին կհասներ․․․ | ||
+ | |||
+ | Գլխավորը դարձավ դեպի իր ընկերները։ Նրանք սկաֆանդրով էին, բայց հերմետիկ սաղավարտների պատուհանները բաց էին։ Եթե վթար պատահի, անմիջապես կարելի է դրանք փակել, ու փրկարարներին ոչինչ չի լինի։ Բայց Լոուրենսի վերջը կգա, «Սելենի» քսաներկու ուղևորներինը նույնպես։ | ||
+ | |||
+ | ― Խնդիրը ձեզ հայտնի է, ― ասաց նա։ ― Եթե հարկ լինի, որ ես արագորեն վեր բարձրանամ, բոլորդ միասին սանդուղքը դուրս քաշեք։ Հարցեր կա՞ն։ | ||
+ | |||
+ | Հարցեր չկային, յուրաքանչյուրը լավ գիտեր, թե ինչ պետք է աներ։ Գլխով անելով փրկարարներին ու լսելով պատասխան միահամուռ «բարի ճանապարհը», Լոուրենսը սկսեց իջնել։ | ||
+ | |||
+ | Ճանապարհի մեծ մասը նա պարզապես ընկնում էր, եբեմն կառչելով պարանե սանդուղքից՝ անկումը արգելափակելու համար։ Լուսնի վրա նման եղանակը միանգամայն անվտանգ է։ Միանգամա՞յն․․․ Գլխավոր ինժեները իր աչքով էր տեսել, թե ինչպես էին զոհվում մարդիկ, մոռանալով, որ նույնիսկ այստեղ ձգողական դաշտը տասից էլ պակաս վայրկյանում վայր ընկնող մարմնին հաղորդում է կյանքի համար վտանգավոր արագություն։ | ||
+ | |||
+ | Դա հիշեցնում էր Ալիսի իջնելը Հրաշքների երկիրը, բայց դրանով էլ վերջանում էր նմանությունը Քերոլի գրքի հետ․ ընդսմին այնքան մոտ, որ վախից աչքերդ կկոցում էիր։ Թեթև մի հպում՝ նա հորի հատակում էր։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը պպզեց մետաղե հարթակի վրա, որը շոգենավի լյուկի չափ էր, և ուշադիր զննեց այն։ Կափարիչի դռնակը, որը միշտ բաց էր, երբ ներդրուկը կեսսոնով ցած էր իջնում, այնքան էլ քիփ չէր փակվել, ու նրա արանքներով գորշ փոշի էր թափանցում։ Սարսափելի ոչինչ չկա։ Թեև եթե ներքևի ճնշման տակ դռնակը բացվի, դեպի ներս․․․ Այո, իսկ ի՞նչ կլինի այն ժամանակ։ Ինչպիսի՞ արագությամբ փոշին կեսսոնով կբարձրանա վեր։ Լոուրենսը վստահ էր, որ կարող է կանխել այն։ | ||
+ | |||
+ | Ներքևում, ընդամենը մի քանի սանտիմետրի վրա՝ փոշեգնացի տանիքն է, երեսուն աստիճան թեքությամբ։ (Ա՛խ, այդ թեքվածքը)։ Հատվածի հորիզոնական օղագոտին հարկավոր է միացնել տանիքին, միացնել պինդ, որպեսզի փոշին չանցնի։ | ||
+ | |||
+ | Որքան կարող էր Լոուրենսը դատել, ամեն ինչ նախատեսված է․ իզուր չէր, որ պլանի վրա աշխատել էին Երկրի ու Լուսնի լավագույն ինժեներները։ Նույնիսկ հաշվի է առնված, որ քանի նա այստեղ աշխատում է, «Սելենը» կարող է ևս մի քանի սանտիմետր նստվածք տալ։ Բայց տեսությունը մի բան է, գործնականը մի այլ՝ գլխավորը դա գիտեր սեփական փորձով։ | ||
+ | |||
+ | Լոուրենսի ոտքի տակ մետաղյա սկավառակի վրա՝ եզերքով ցցված էին վեցը հեղույսներ։ Նա սկսեց մեկը մյուսի հետևից պտտել դրանք, ինչպես թմբկահարը իր գործիքը լարելիս։ Սկավառակի ներքևի կողմից ամրացրված էր գարմոնանման ծալված մի խողովակ, որն իր լայնքով գրեթե հավասար էր հորի տամագծին՝ հազիվ հազ մի մարդ կխցկվեր։ Գլխավոր ինժեները թուլացրեց հեղույսները և գարմոնանման ծալվածքը աստիճանաբար սկսեց բացվել, ստեղծելով մի ճկուն միջնորմ։ | ||
+ | |||
+ | Խողովակի մի ծայրը թեք տանիքից բաժանված էր քառասուն սանտիմետրով, մյուսը՝ ինչ֊որ միլիմետրերով։ Լոուրենսը ամենից շատ վախենում էր, որ փոշին հնարավորություն չէր տա գարմոնին բացվելու, սակայն հեղույսները հեշտությամբ էին հաղթահարում արտաքին դիմադրությունը։ | ||
+ | |||
+ | Վերջ, այլևս չի գնում։ Այժմ միջնորմի ներքևի շրջանակը միացված է փոշեգնացի տանիքի հետ, իսկ ռեզինե միջնադիրը ապահովում է միացման հերմետիկությունը։ (Արդյո՞ք ապահովում է, այժմ նա կստուգի․․․) | ||
+ | |||
+ | Լոուրենսը ակամա վերև նայեց, ստուգելով նահանջի ճանապարհը։ Վառ լամպից այն դին (որ կախված էր երկու մետրի վրա), կատարյալ խավար էր, բայց պարանե սանդուղքի առկայությունը հանգստացրեց նրան։ | ||
+ | |||
+ | ― Միջնորմը իջեցվա՛ծ է, ― բղավեց նա անտեսանելի օգնականներին։ ― Կարծես լավ է նստած։ Կափարիչը բաց եմ անում։ | ||
+ | |||
+ | Մի փոքր անփութություն՝ ու հորը լուսնափոշով կհեղեղվի։ Ու արդեն դուրս չես տա․․․ Դանդաղ, զգուշությամբ Լոուրենսը անջատեց այն դռնակը, որի միջով թափանցում էր փոշին, երբ ներդրակը իջեցնում էին։ Ժայթքում չեղավ, հարմոնը հուսալիորեն զսպում էր Ծովի ճմշումը։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը ձեռքը ընկղմեց փոշու բարակ շերտի մեջ ու մատներով շոշափեց «Սելենի» տանիքը։ Նա շատ հազվադեպ էր զգացել այդպիսի երջանկություն։ Նա փոշեգնացին հասավ։ Հավանաբար, հին ժամանակներում նման ապրումներ է ունեցել ոսկի փնտրողը, երբ փոսի հատակին նստած նայել է առաջին փայլուն հատիկներին․․․ | ||
+ | |||
+ | Լոուրենսը երեք անգամ թակեց տանիքը․ իսկույն հաջորդեց պատասխանը։ Ինչ խոսք, Մորզեի այբուբենը պետք չի, երբ կողքիդ միկրոֆոն կա, բայց գլխավորը շատ լավ էր հասկանում, թե իր թակոցը ինչքան կոգևորի «Սելենի» ուղևորներին։ Հիմա նրանք հաստատ գիտեն՝ փրկությունից նրանց բաժանում են հաշված սանտիմետրեր։ | ||
+ | |||
+ | Սակայն հարկավոր է սկզբից վերացնել մի քանի խոչընդոտներ։ Դրանցից առաջինը՝ մետաղե հարթակը, որը և Լոուրենսի ոտքերի տակ գտնվող մխոցի հատակն է։ Նա իր գործն արեց, թույլ չտվեց, որպեսզի լուսնափոշին թափանցի, երբ հորը դատարկում էին։ Այժմ մարդկանց փոշեգնացից դուրս բերելու համար, այն պետք է հեռացնել։ Եվ ընդսմին չվնասել միջնորմը, որը տեղադրելիս այն օգնեց։ | ||
+ | |||
+ | Մխոցի հատակը հանովի էր՝ բավական էր թուլացնել եզրերի ութը հեղույսները։ Լոուրենսը մի քանի րոպեում գործը գլուխ բերեց ու պարանը կապեց սկավառակին։ | ||
+ | |||
+ | ― Վիրա՛։<ref>Բարձրացրո՛ւ։</ref> | ||
+ | |||
+ | Մի փոքր գեր մարդը ստիպված կլիներ մինչև սկավառակը բարձրանցելը՝ ինքը վեր բարձրանալու սանդուղքներով․ նրան կողքի դարձրեց, ինքը սեղմվեց հորի պատին, ու բաց թողեց սկավառակը։ Մնաս բարով, պաշտպանության վերջին բնագիծ․․․ Նա հայացքով ճանապարհեց այն։ Այժմ հորը ոչնչով չի կարելի ծածկել, եթե միջնորմը խախտվի ու լուսնափոշին խուժի ներս։ | ||
+ | |||
+ | ― Դույլ, ― խնդրեց գլխավորը։ | ||
+ | |||
+ | Այն արդեն իջնում էր։ | ||
+ | |||
+ | «Քառասուն տարի առաջ, ― ինքն իրեն ասաց Լոուրենսը։ ― Կալիֆոռնիայի լողափին ես խաղ էի անում փոքրիկ բահով ու դույլով, բերդեր էի կառուցում ավազից։ Այժմ ես՝ Ըրթսայդի գլխավոր ինժեներս, լուսնափոշի եմ փորում, որը շատ ավելի լուրջ զբաղմունք է, և ողջ մարդկությունը սպասում է, թե ինչ է ստացվելու դրանից»։ | ||
+ | |||
+ | Առաջին դույլը բարձրացավ, ու տանիքի մի մասը երևաց։ Շատ քիչ փոշի էր մնացել, ևս երկու դույլ՝ ու Լոուրենսի առջև փայլեց նավիրանի ալյումինե մաշկը։ Այն կուչ էր եկել չափազանց ծանրաբեռնվածությունից, ու գլխավոր ինժեները հեշտությամբ միայն ձեռքերով պոկեց այն։ Երևաց ֆիբերգլասը։ Իսկ հետո՞։ Ամենևին դժվար չի անցք բացել էլեկտրական սղոցով։ Ու բոլորին կործանել․ փոշեգնացի կրկնակի նավիրանի վրա արդեն մի քանի անցքեր են բացվել, ու որմիկների մեջ ընկած ամբողջ տարածությունը լցված է լուսնափոշով։ Ճնշումը մեծ է, միայն մի անցք ծակիր, և փոշին կխփի շատրվանի պես։ «Սելեն» թափանցելու համար մի կերպ պետք է կաշկանդել այդ խարդախ շերտը։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը մի անգամ էլ թակեց տանիքը։ Այդպես էլ կա, խուլ ձայն է գալիս, պատճառը փոշու շերտն է։ Բայց այս արդեն անսպասելի էր․ ներքևից ի պատասխան լսվեց տագնապալի հաճախակի թակոց։ | ||
+ | |||
+ | Վերևից ընկերները դեռ չէին հասցրել հայտնել գլխավորին, թե ինչ էր պատահել «Սելենի» մեջ, երբ նա ինքը հասկացավ․ Ծարավի ծովը վերջին փորձն էր անում իր զոհերին ձեռքից բաց չթողնելու համար։ | ||
+ | |||
+ | |||
+ | Երեք հանգամանք նպաստեցին այն բանին, որ հենց Կարլ Յուխանսոնը նկատեց փորձանքը․ նա ատոմագետ֊ինժեներ էր, լավ հոտառություն ուներ և նստած էր փոշեգնացի վերջնամասում։ Յոխանսոնը մի քանի վայրկյան հոտոտեց, ապա անցարանի մոտ նստած հարևանին ասաց «ներեցե՛ք», վեր կացավ ու առանց շտապելու գնաց զուգարան։ Նա անտեղի չէր ուզում վախեցնել մարդկանց, այն էլ հիմա, երբ փրկությունը այդքան մոտ էր։ Բայց իր բազմամյա աշխատանքի ընթացքում ինժեներ Կարլ Յոխանսոնը շատ հաճախ էր համոզվել, թե ինչով էր սպառնում այրվող մեկուսիչի հոտը։ | ||
+ | |||
+ | Նա զուգարանում մնաց ուղիղ տասներկու վայրկյան, դուրս եկավ այնտեղից ու շտապ (բայց զգույշ, որպեսզի ոչ ոքի չվախեցնի) քայլեց դեպի Պաթ Հարրիսը, որը զրուցում էր կոմոդորի հետ։ | ||
+ | |||
+ | ― Նավապե՛տ, ― ցածր, բայց վճռական ձայնով նա ընդհատեց նրանց։ ― Նավում հրդեհ է սկսվել։ Ստուգեցեք զուգարանում։ Ես դեռ ոչ ոքի չեմ ասել։ | ||
+ | |||
+ | Պաթը իսկույն վեր թռավ տեղից։ Հանստենը վազեց նրա ետևից։ Տիեզերքում կամ ծովի վրա «հրդեհ» բառը լսելիս չեն շաղակրատում։ Մանավանդ, որ Յուխանսոնը այնպիսի մեկը չէր, որպեսզի կեղծ խուճապ առաջացներ։ Նա Պաթ Հարրիսի նման աշխատում էր Լուսնային ադմինիստրացիայի տեխնիկական բաժնում․ իզուր չէր կոմոդորը նրան մտցրել «պատժիչ ջոկատի» մեջ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Զուգարանը ոչնչով չէր տարբերվում ամեն մի ցամաքային, ծովային, օդային կամ տիեզերական ոչ մեծ նավի նույնանման սենյակից․ առանց տեղից վեր կենալու կարելի էր ձեռքով հասնել ուզածդ պատին։ Բացի ետևի պատից, որից կախված էր լվացարանը, ֆիբերգլասը տաքությունից փուչիկ֊փուչիկ էր լինում ու պայթում․․․ | ||
+ | |||
+ | ― Մեկ րոպե հետո կրակը այստեղ կլինի, բղավեց կոմոդորը։ ― Բայց հրդեհը որտեղի՞ց։ | ||
+ | |||
+ | Պաթը արդեն դուրս էր եկել։ Նա գրեթե իսկույն վերադարձավ, թևի տակ դրած բերելով երկու կրակմարիչներ։ | ||
+ | |||
+ | ― Կոմոդոր, ― ասաց Պաթ Հարրիսը, ― խնդրում եմ զեկուցեք վերև։ Ասացեք, որ մեզ մնացել է ընդամենը մի քանի րոպե։ Ես այստեղ կլինեմ, կդիմավորեմ կրակը։ | ||
+ | |||
+ | Հանստենը ենթարկվեց։ Պաթը լսում էր, թե ինչպես է նա զեկուցում Լոուրենսին, ու անմիջապես իրարանցում սկսվեց խցիկում։ Զուգարանի դուռը բացվեց, ներս մտավ դոկտոր Մըքենզին։ | ||
+ | |||
+ | ― Ես կարո՞ղ եմ օգնել ձեզ, ― հարցրեց գիտնականը։ | ||
+ | |||
+ | ― Վախենամ ոչ, ― պատասխանեց Պաթը՝ պատրաստ բռնած կրակմարիչը։ | ||
+ | |||
+ | Տարօրինակ զգացում՝ ասես այս ամենը տեղի է ունենում ոչ թե կյանքում, այլ երազի և իրականության սահմանագծում։ Երկյուղ չկար, այն ամենից հետո, ինչ նա ապրել էր, այլևս չէր կարողանում հուզվել, ամեն ինչ անում էր մի տեսակ անտարբեր։ | ||
+ | |||
+ | ― Որտեղի՞ց կրակը, ― կոմոդորի հարցը կրկնեց Մըքենզին։ Եվ ավելացրեց․ ի՞նչ կա այդ միջնորմից այն կողմ։ | ||
+ | |||
+ | ― Էներգիայի հիմնական աղբյուրն է։ Քսան հզոր էլեմենտներ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպիսի՞ն է պաշարը։ | ||
+ | |||
+ | ― Երբ մենք դուրս եկանք, հինգ հազար կիլովատ ժամ էր։ Մնացել է հավանաբար, կեսը։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչ պարզ է։ Ինչ֊որ տեղ կարճ միացում է տվել։ Ըստ երևույթին, էլեմենտները այրվում են կաբելը վնասվելուց հետո։ | ||
+ | |||
+ | Կարծես ճիշտ է, թեկուզ այն պատճառով, որ «Սելենի» վրա էներգիայի այլ աղբյուր չի եղել։ Ճիշտ է, հրակայուն նյութերը, որոնցից պատրաստված էր փոշեգնացը, սովորական կրակից չեն հրկիզվում։ Բայց, եթե էներգիայի ողջ պաշարը, որ նախատեսված է բազմաժամյա շարժման համար՝ առավելագույն արագությամբ վերածվի ջերմության, փորձանքից չի կարելի խուսափել․․․ | ||
+ | |||
+ | Բայց չէ որ դա անհնարի՞ն է։ Դրա համար էլ ավտոմատ անջատիչներ կան, որոնք պետք է գործեն նման ծանրաբեռնվածության դեպքում։ Միգուցե նրանք շարքից դո՞ւրս են եկել։ Մըքենզին իրեն նետեց օդասահանքի խցիկը և համոզվեց, որ անջատիչները գործել են։ | ||
+ | |||
+ | ― Բոլոր շղթաները անջատված են, ― ասաց նա Պաթին։ ― Հոսանք չկա։ Բան չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | Չնայած աղետալի վիճակին, Պաթը չկարողացավ զսպել ժպիտը։ Այս մինչև ուղն ու ծուծը գիտնական Մըքենզին էլ նույնիսկ մեռնելիս պետք է հարցնի, թե ինչը ինչոց է։ Խարույկի վրա խորովվելիս էլ (իսկ նրանց նման մի բան էր սպառնում) դահիճներից հարցնում է, թե ինչի փայտ են դրանք․․․ | ||
+ | |||
+ | Ծալովի դուռը բացվեց, ներս մտավ Հանստենը։ | ||
+ | |||
+ | ― Լոուրենսը խոստանում է տասը րոպեում լյուկ բաց անել, ― ասաց նա։ ― Կդիմանա՞ միջնորմը։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ գիտի, ― պատասխանեց Պաթը։ ― Այն կարող է մեկ ժամ դիմանալ, իսկ կարող է և թափվել մի քանի վայրկյանից։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի արագությամբ է տարածվում կրակը։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ավտոմատ կրակմարիչներ չկան։ | ||
+ | |||
+ | ― Նրանք այնտեղ հարկավոր չեն, սովորաբար միջնորմի ետևում վակուում է, ավելի լավ կրակմարիչ չես հնարի։ | ||
+ | |||
+ | ― Դե, իհարկե, ― բացականչեց Մըքենզին։ ― Մի՞թե չեք հասկանում։ Տանիքը ծակելիս փոշի է թափանցել ներս, միջնորմների միջև, ու փակել է էլեկտրական բոլոր շղթաները։ | ||
+ | |||
+ | Մըքենզին ճիշտ է։ Արտաքին միջավայրի հետ հաղորդակցություն ունեցող բոլոր հատվածները, այժմ ողողված են լուսնափոշով։ Այն ներս է խուժել տանիքի անցքերով, լցվել է պատերի միջև ընկած տարածությունը, աստիճանաբար կուտակվել է ուժային հարմարանքների շուրջը։ Լուսնափոշու մեջ բավականին մետեորային երկաթ կա, այն լավ հաղորդիչ է՝ ու սկսվել է հրագործությունը․ կայծեր, վոլտյան աղեղներ, հազար ու հազար էլեկտրական խարույկներ։ | ||
+ | |||
+ | ― Եթե ջուր ցանենք պատին, ― ասաց կոմոդորը, ― կօգնի՞, թե՞ ֆիբերգլասը կճաքի։ | ||
+ | |||
+ | ― Եկեք փորձենք, ― առաջարկեց Մըքենզին։ ― Միայն մի քիչ զգույշ։ | ||
+ | |||
+ | Նա ծորակից ջուր լցրեց պլաստմասսայի բաժակի մեջ (ջուրն արդեն տաքացել էր) ու հարցական նայեց ընկերներին։ Ոչ ոք չէր առարկում, ու ֆիզիկոսը մի քանի կաթիլ ցանեց փուչիկակալած պատին։ | ||
+ | |||
+ | Մի այնպիսի տրաքոց լսվեց, որ Մըքենզին իսկույն դադարեցրեց իր փորձը։ Խիստ վտանգավոր է․․․ Եթե միջնորմը երկաթից լիներ, այդպիսի եղանակը ձեռք կտար, բայց այս պլաստմասսան վատ է անցկացնում ջերմությունը, նա չի դիմանա ջերմային լարմանը։ | ||
+ | |||
+ | ― Մենք ոչինչ չենք կարող անել այս դեպքում, ― եզրակացրեց կոմոդորը։ ― Կրակմարիչներն էլ չեն փրկի։ Ավելի լավ է դուրս գանք ու հատվածը փակենք։ Դուռը կարող է միջնորմ ծառայել, մենք որոշ ժամանակ կշահենք։ | ||
+ | |||
+ | Պաթը տատանվում էր։ Խցում անտանելի շոգ էր, բայց նահանջելը վախկոտություն էր թվում նրան։ Թեև ընդհանուր առմամբ, Հանստենի փաստարկները համոզիչ են․ եթե այստեղ մնաս, թերևս ծխից խեղդվես, հենց որ կրակը լափի ֆիբերգլասը։ | ||
+ | |||
+ | ― Լավ, գնանք, ― համաձայնեց նա։ ― Ու բարիկադանման մի բան սարքենք դրսից։ | ||
+ | |||
+ | Արդյոք կհասցնե՞ն․․․ Պաթ Հարրիսը պարզ լսում էր, թե ինչպես է չարգուշակորեն պայթում պատը, որը դիմանում էր ամենակուլ կրակի ճնշմանը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ երեսուներորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | «Սելենի» վրա ծագած հրդեհի լուրը ամենևին չազդեց Լոուրենսի գործողությունների վրա։ Շտապել չէր կարելի․ ամբողջ օպերացիայի համար այս վճռական րոպեներին ամեն մի սխալ կարող էր ճակատագրական լինել։ Նա կարող էր միայն աշխատել, աշխատել ու հույս տածել, որ կկանխի կրակը։ | ||
+ | |||
+ | Վերևից հորի մեջ իջեցրին մի հարմարանք, որը հիշեցնում էր յուղելու կամ տորթը նախշանկարելու շպրից։ Ճիշտ է, այն լցված էր ոչ կրեմով, ոչ էլ տավոտով, այլ շուտ պնդացող օրգանասիլիկոնային խառնուրդով, մեծ ճնշման տակ։ | ||
+ | |||
+ | Առաջին խնդիրն էր՝ խառնուրդը նավիրանի պատերի միջև ընկած տարածության մեջ ներարկել այնպես, որ փոշին չանցնի հորը։ Դուրգանելու փշտովով Լոուրենսը «Սելենի» իրանի մեջ մխրճեց յոթ սնամեջ գնդերիթներ․ մեկը մաքրված շրջանակի կենտրոնում, մյուսները հավասարաչափ հեռավորությամբ՝ երիզներով։ | ||
+ | |||
+ | Ապա նա շպրիցը միացրեց կենտրոնական գնդերիթին և ձգանը քաշեց։ Մի թեթև թշշոց ― խառնուրդը սկսեց հոսել սնամեջ գնդերիթով, իր ճնշումով բաց անելով նրա ներքին մասում եղած կափարիչը։ Լոուրենսը շտապ֊շտապ շպրիցը գնդերիթից գնդերիթ էր տեղափոխում, յուրաքանչյուրի մեջ որոշ քանակությամբ խառնուրդ ներարկելով։ Եվ այդպես, նա պատերի միջև եղած ամբողջ փոշին ծծեցրեց այդ նյութով, ու ստացվեց խորդուբորդ բլինանման մի բան՝ մոտ մեկ մետր տրամագծով։ Ոչ, ոչ թե բլին, այլ սուֆլե, որովհետև շպրիցից դուրս ցայտելով, հեղուկը փրփրում է։ | ||
+ | |||
+ | Մի քանի վայրկյան հետո խառնուրդը կսկսի ամրանալ․ դրա համար նրան կատալիզատոր է ավելացրած։ Լոուրենսը ժամացույցին նայեց․ հինգ րոպե՝ ու փրփուրը պինդ կլինի ինչպես քարը, և ծակոտկեն, ինչպես պեմզան։ Նավիրանի այդ մասում ամբողջ փոշին «կսառչի», և կարելի է ապահով լինել նոր խուժումից։ | ||
+ | |||
+ | Հինգ րոպե․․․ Այս ժամկետը ոչ մի կերպ չես կրճատի, փրփուրը պետք է անհրաժեշտ ամրությունը ստանա, դրանից է կախված հաջողությունը։ Եթե նա ճիշտ չի ընտրել կետերը կամ սխալվել է ժամանակի հարցում, եթե քիմիկոսները Խարսխակայանում սխալ են թույլ տվել, «Սելենի» ուղևորներին կարելի է մահացած համարել։ | ||
+ | |||
+ | Մինչ ժամանակը կլրանար, գլխավորը մաքրեց հորի հատակը։ Նա ամեն ինչ վերև ուղարկեց ու մնաց առանց որևէ գործիքի, դատարկաձեռն։ Եթե Մորիս Սպենսերին հաջողվեր հեռուստախցիկն իջեցնել նեղ հորի մեջ (իսկ նա դրա համար հոգին էլ կվաճառեր սատանային), հանդիսատեսները բոլորովին չէին կռահի, թե ինչ է անելու այժմ Լոուրենսը։ | ||
+ | |||
+ | Եվ նույնիսկ կզարմանային, երբ տեսնեին, որ վերևից գլխավոր ինժեներին իջեցնում են երեխայի գլդորանի նման մի բան։ Բայց դա խաղալիք չէր, այլ բանալի, որ պետք է բանար «Սելենը»։ | ||
+ | |||
+ | |||
+ | Սյուն արդեն ուղևորներին հավաքել էր փոշեգնացի փոքր֊ինչ բարձրացած քթամասում։ Խումբ֊խումբ հավաքված, նրանք տագնապալի նայում էին առաստաղին ու լսողությունը լարած՝ որսում էին հուսադրող ձայները։ | ||
+ | |||
+ | Ահա թե երբ է պետք նրանց սիրտ տալ, ինքն իրեն ասաց Պաթը։ Ինքը նավապետը դրա կարիքը թերևս ավելի շատ էր զգում․ չէ որ ինքն էր միայն (թեև Հանստենն ու Մըքենզին նույնպես կռահել էին) իրեն հաշիվ տալիս, թե ինչ վտանգ է սպառնում իրենց։ | ||
+ | |||
+ | Կրակը՝ իր հերթին։ Այն, իհարկե, կսպանի նրանց, եթե խուժի ներս․ բայց կրակը դանդաղ է շարժվում, նրա հետ մի որոշ ժամանակ, թեկուզ կարճատև, կարելի է պայքարել։ Իսկ ահա պայթյունի դեմ նրանք անզոր են։ | ||
+ | |||
+ | Այժմ «Սելենն» իրենից ներկայացնում էր վառվող քուղով մի ական։ Էլեմենտներում եղած էներգիայի պաշարը, որը սնում էր նրա շարժիչներն ու էլեկտրական սարքերը, կարող էր անզուսպ ջերմության վերածվել, բայց պայթյունով չէր սպառնում։ Ցավոք սրտի, այդ նույնը չէր կարելի ասել հեղուկ թթվածնով ցիստեռնների մասին։ | ||
+ | |||
+ | Նրանց մեջ դեռևս քիչ չկար խիստ սառն ու արտակարգ ակտիվ այդ նյութից։ Երբ ավելացող տաքությունը քայքայի ցիստեռնների պատյանը, ֆիզիկական ու քիմիական երևույթները պայթյուն կառաջացնեն։ Ոչ մեծ, իհարկե, իր ուժով հավասար մի քանի հարյուր կիլոգրամ տոլի պայթյունին։ Բայց բավական՝ որպեսզի ցաքուցրիվ տա «Սելենը»։ | ||
+ | |||
+ | Պաթը որոշեց այդ մասին Հանստենին ասել։ Կոմոդորը բարիկադներ էր սարքում։ Առաջնամասի բազկաթոռները հանում ու խցկում էր զուգարանի դռան ու վերջին կարգի միջև եղած անցումը։ Կարծես նրանք պատրաստվում էին ետ մղելու մեկի ներխուժումը, ու ոչ թե պայքարելու կրակի դեմ։ Չէ որ դա հենց այդպես էր։ Կրակը կարող է էներգահատվածից այս կոմն էլ չանցնել, բայց հենց որ ծռմռված միջնորմը տեղի տա, լուսնափոշին ներս կհորդի։ | ||
+ | |||
+ | ― Կոմոդոր, ― ասաց Պաթը, ― քանի դուք այստեղ զբաղված եք, ես կսկսեմ նախապատրաստել ուղևորներին։ Ինչ կստացվի, եթե քսան հոգի միաժամանակ նետվեն դեպի ե՛լքը։ | ||
+ | |||
+ | Իսկապես, սարսափելի բան կլինի։ Չի կարելի թույլ տալ իրարանցում, իսկ դա հեշտ չի լինի, որքան էլ ուղևորները կարգապահ լինեն։ Մի կողմից, միակ նեղ թունելը, մյուս կողմից՝ սրընթաց հարձակվող մահը․ դե արի ու խուճապի մի մատնվիր։ | ||
+ | |||
+ | Պաթը անցավ քթամասը։ Երկրի վրա դա մի դարիվեր կլիներ, իսկ այստեղ երեսուն աստիճանի թեքությունը չէր զգացվում։ Նայելով իրեն ուղղված անհանգիստ դեմքերին, նավապետն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Կարելի է պատրաստվել։ Հենց որ բաց անեն, վերևից պարանե սանդուղք կիջեցնեն։ Առաջինը դուրս են գալիս կանայք, նրանցից հետո տղամարդիկ, այբբենական կարգով։ Աշխատեք չվազել։ Հիշեցեք, որ քիչ եք կշռում այստեղ, և բարձրացած ձեռքերով, իհարկե, որքան կարելի է արագ։ Բայց մի հրմշտեք իրար, ժամանակը միանգամայն բավարար է, ու մի քանի վայրկյանում դուք արդեն վերևում կլինեք։ Սյու, խնդրում եմ բոլորին հերթ կանգնեցնեք։ Հարդինգ, Բրայեն, Յուխանսոն, Բարրետ՝ դուք ասյտեղ եք մնում։ Մեզ կարող է պետք գալ ձեր․․․ | ||
+ | |||
+ | Նա խոսքը չավարտեց՝ փոշեգնացի ետնամասից լսվեց մի խուլ պայթյուն։ Առանձնապես ոչինչ չկար, թղթե տոպրակը ավելի ուժեղ ձայն կհաներ։ Բայց դա նշանակում էր, որ միջնորմը նահանջեց։ Իսկ առաստաղը, դժբախտաբար, դեռ անվնաս էր։ | ||
+ | |||
+ | Նրանցից մի քանի սանտիմետր վերևում Լոուրենսը իր գլդորանը դրել էր Ֆիբերգլասի վրա ու այն սվաղում էր արագ կպչող ցեմենտով։ Գլդորանի տրամագիծը գրեթե համընկնում էր հորի տրամագծին, որի հատակին պպզած էր գլխավոր ինժեները։ Ոչ մի վտանգ չկար, և այնուամենայնիվ, Լոուրենսը շատ զգույշ էր աշխատում։ Պայթեցնողների անփույթ վերաբերմունքը պայթուցիկ նյութերի նկատմամբ երբեք չէր դուր գալիս նրան։ | ||
+ | |||
+ | Նրա տեղադրած օդանման լիցքը իրենից ներկայացնում և գործում էր շատ հասարակ կերպով։ Պայթյունը որոշ լայնության ու խորության կանոնավոր ակոս բաց կանի, վայրկյանի հազարերորդական մասում կկատարի նույն աշխատանքը, որի համար էլեկտրական սղոցը կբաներ քառորդ ժամ։ Ի դեպ, սկզբում Լոուրենսն ուզում էր կիրառել սղոցը․ լավ է, որ միտքը փոխեց։ Երևում էր, նրա տրամադրության տակ տասնհինգ րոպե չկա՛ր։ | ||
+ | |||
+ | Նա շուտով համոզվեց դրանում։ | ||
+ | |||
+ | ― Փոշեգնացում հրդեհ է բռնկվել, ― բղավեցին վերևից։ | ||
+ | |||
+ | Գլխավոր ինժեները ժամացույցին նայեց։ Մի պահ նրան թվաց, թե վայրկյանաչափը տեղից չի շարժվում։ Ծանոթ պատրանք։ Ոչ, ժամացույցը կանգնած չէ, ինչպես ինքը կուզենար։ Մինչև հիմա շատ թափով էր աշխատում, այժմ արդեն հազիվհազ էր տկտկում․․․ | ||
+ | |||
+ | Եվս երեսուն վայրկյան, և փրփուրը կամրանա։ Ավելի լավ է մի քիչ սպասել, քան պայթեցնել ժամանակից շուտ, երբ նա դեռ մածուցիկ է։ | ||
+ | |||
+ | Լոուրենսը առանց շտապելու սկսեց սանդուղքով վեր բարձրանալ քանդելով էլեկտրոդետոնատորի լարերը։ Նա ճիշտ էր հաշվել ժամանակը։ Երբ գլխավոր ինժեները դուրս եկավ հորից, էլեկտրալարերի բաց ծայրերից հանեց մեկուսիչներն ու միացրեց էլեկտրոդետոնատորին, մնացել էր ուղիղ տասը վայրկյան։ | ||
+ | |||
+ | ― Հաղորդեցեք, որ մենք սկսում ենք հաշվել, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | |||
+ | Կոմոդորին օգնելու նպատակով (թեև նա լավ չէր պատկերացնում, թե ինչ կարելի է անել այժմ) դեպի նավախելը իջնելիս Պաթը լսեց, թե ինչպես Սյուն առանց շտապելու ազգանուններն էր կարդում։ | ||
+ | |||
+ | ― Միսս Մոռլի, միսսիս Ուիլյամս, միսսիս Շաստեր․․․ | ||
+ | |||
+ | Բախտի քմահաճույքին տես․ միսս Մոռլին նորից առաջինը կլինի, այժմ արդեն այբուբենի շնորհիվ։ Այս անգամ նա արդեն բողոքելու տեղ չունի։ | ||
+ | |||
+ | Բայց այդ ժամանակ նրա գլխում ծագեց մեկ այլ, սարսափելի միտք․ «Իսկ եթե միսսիս Շաստերը լռվի թունելում և մուտքը խցանի՞»։ Եվ չէ որ նրան վերջում չես թողնի։ Ոչ, ոչ, ամեն ինչ լավ կլինի։ Չի կարող պատահել, որ փրկարարները այդ բանը նախատեսած չլինեն։ Բացի այդ, միսսիս Շաստերը նկատելիորեն նիհարել է։ | ||
+ | |||
+ | Առաջին իսկ հայացքից Պաթ Հարրիսին թվաց, թե զուգարանի դուռը հաջողությամբ դիմանում է ներսի գրոհին։ Եթե ծղնիկների երկայնքով դուրս եկող ծուխը չլիներ, կարելի էր մտածել, որ ընդհանրապես ոչինչ չէր պատահել։ Ու Պաթը թեթևացած շունչ քաշեց։ Չէ որ ֆիբերգլասը կրկնակի էր։ Մինչև այն այրվի, մի չորս ժամ կանցնի, գուցև ավելի։ Դրանից շատ շուտ․․․ | ||
+ | |||
+ | Ինչ֊որ բան խուտուտ տվեց նրա բոբիկ ոտնաթաթերը։ Պաթը սկզբում ակամա մի կողմ քայլեց, ապա նոր նրա մտքում հարց ծագեց․ «Ի՞նչ կարող է լինել»։ | ||
+ | |||
+ | Նա ներքև նայեց։ Ու թեպետ Պաթի աչքերը վաղուց սովորել էին վթարային աղոտ լուսավորությանը, նա իսկույն գլխի չընկավ, թե բարիկադավորված դռան արանքով սկսել է ներս սողոսկել չարագույժ գորշ հոսանքը, և երկու սալերն էլ ճկվել են փոշու բազմատոննանոց ծանրության տակ։ Ուր որ է դրանք կպոկվեն։ Եթե չպոկվեն էլ, այժմ արդեն ոչ մի նշանակություն չունի։ Ահավոր անձայն հորդումը սկսվել էր, լուսնափոշին արդեն բարձրացել էր մինչև նրա կոճերը։ | ||
+ | |||
+ | Պաթը քարացել էր տեղում, նա նույնիսկ չէր էլ փորձում խոսել կոմոդորի հետ, որը կանգնած էր նրա կողքին նույնպես անշարժ։ Կյանքում առաջին անգամ (իսկ ավելի շուտ վերջին) նավապետ Պաթ Հարրիսին համակեց անհաղթահարելի կատաղությունը։ Ծարավի ծովը, որն այդ պահին բազմաթիվ նուրբ, չոր շոշափուկներով շոյում էր նրա ոտքերը, Պաթին թվում էր մի խարդախ էակ, որը նրա հետ խաղում էր, ինչպես կատուն մկան հետ։ «Հենց ճիշտ այն րոպեին, ― մտածում էր նա, ― երբ մեզ թվում էր, որ հիմա արդեն ամեն ինչ կարգին է, Ծովը միշտ մի անակնկալ էր պատրաստում մեզ համար։ Մենք միշտ մի քայլ ետ ենք ընկնում, իսկ այժմ արդեն ամեն ինչից զզվել եմ։ Այդ Ռեդլին այնքան էլ չէր սխալվում․․․»։ | ||
+ | |||
+ | Օդամուղ խողովակից կախված բարձրախոսը ընդհատեց Պաթ Հարրիսի մռայլ մտածմունքները։ | ||
+ | |||
+ | ― Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, ― բղավեցին վերևից։ ― Անցեք խցի վերջը և դեմքներդ փակեք։ Սկսում ենք համրել տասից։ | ||
+ | |||
+ | ― ՏԱՍԸ։ | ||
+ | |||
+ | «Մենք առանց այդ էլ վերջին ենք հասել, ― մտածեց Պաթը։ ― Տասը․․․ Շատ չի՞ լինի․․․ Չենք դիմանա»։ | ||
+ | |||
+ | ― ԻՆԸ։ | ||
+ | |||
+ | «Գրազ կգամ, միևնույն է ոչինչ չի ստացվի։ Ծովը թույլ չի տա։ Հենց որ զգա, որ մենք դուրս ենք պրծնում․․․»։ | ||
+ | |||
+ | ― ՈւԹ։ | ||
+ | |||
+ | «Բայց ափսո՜ս, ինչքան ջանք թափեցինք։ Ինչքան մարդ չարչարվեց, որպեսզի մեզ փրկեն։ Դե արի ու տես, որ իզուր․․․»։ | ||
+ | |||
+ | ― ՅՈԹ։ | ||
+ | |||
+ | «Յոթը, կարծես բախտավոր թիվ է։ Գուցե, այնուամենայնիվ, դո՞ւրս պրծնենք։ Թեկուզ մի քանի հոգով․․․»։ | ||
+ | |||
+ | ― Վեց։ | ||
+ | |||
+ | «Ինչո՞ւ մի քիչ չզվարճանամ։ Այժմ արդեն միևնույն է։ Եվ այսպես, եթե հաշվել․․․ ասենք, տասնհինգ վայրկյան լյուկ բաց անելու․․․»։ | ||
+ | |||
+ | ― ՀԻՆԳ։ | ||
+ | |||
+ | «Եվ սանդուղք իջեցնելու համար․ նրանք, հավանաբար, ապահով լինելու համար այն բարձրացրել են․․․»։ | ||
+ | |||
+ | ՉՈՐՍ։ | ||
+ | |||
+ | «Եվ ենթադրենք, որ յուրաքանչյուր երեք վայրկյանում դուրս է գալիս մեկ ուղևոր․․․ Թեկուզ նույնիսկ հինգ վայրկյանում․․․»։ | ||
+ | |||
+ | ― ԵՐԵՔ։ | ||
+ | |||
+ | «Քսաներկու անգամ հինգ՝ կստացվի հազար․․․ ոչ, հիմարություն եմ ասում, թվաբանությունը մոռացել եմ․․․» | ||
+ | |||
+ | ― ԵՐԿՈՒ։ | ||
+ | |||
+ | «Մի խոսքով, հարյուր քանի վայրկյան, կամ համարյա երկու րոպե, այդ ժամանակաընթացքում այդ անիծյալ ցիստեռնները միանգամայն ի վիճակի կլինեն մեզ այն աշխարհը ուղարկելու․․․»։ | ||
+ | |||
+ | ― ՄԵԿ։ | ||
+ | |||
+ | «Մե՛կ։ Իսկ ես դեռ երեսս չեմ ծածկել։ Միգուցե պառկեմ, թեկուզ այդ զզվելի բանը բերանս լցվի․․․»։ | ||
+ | |||
+ | Հուժկու ընդհատվող մի ճայթյուն, ու ասես քամին ներս խուժեց։ Ուրիշ ոչինչ։ Առանձնապես ոչ մի էֆեկտ։ Բայց պայթեցնողները հիանալի գիտեին իրենց գործը (այ թե միշտ այդպես լինի)։ Պայթյունի ուժը ճիշտ էր հաշված և ուղղված, նրա առատությունը բավականացրեց միայն նրան, որ ծածանեց արդեն կիսով չափ հատակը բռնած լուսնափոշու մակերեսը։ | ||
+ | |||
+ | Ժամանակը կանգնեց, ընդմիջումը մի ամբողջ հավիտենականություն թվաց։ Ապա նրանց աչքերի առջև տեղի ունեցավ հրաշք՝ դանդաղ, բայց անսպասելի, այդ պատճառով էլ առանձնապես շշմեցուցիչ, թեպետ, եթե մտածելու, խորհելու ժամանակ լիներ՝ խորհրդավոր ոչինչ չկար։ | ||
+ | |||
+ | Կարմրավուն կիսախավարում փայլատակեց վառ սպիտակ լույսի մի օղակ։ Լայնացավ, լայնացավ․․․ ու հանկարծ մի ամբողջական կանոնավոր շրջանակ դարձավ․ առաստաղի մի մասը բաժանվեց ու ընկավ։ Վերևում ընդամենը մի թույլ լամպ էր վառվում, այն էլ կախված էր մի քսան մետրի վրա։ Սակայն երկար ժամանակ կարմրավուն կիսախավարին ընտելացած աչքերի համար այն արշալույսից վառ թվաց։ | ||
+ | |||
+ | Գրեթե իսկույն երևաց պարանե սանդուղքը։ Միսս Մոռլին տեղից պոկվեց, ինչպես սպրինտերը, և չքացավ հորի մեջ։ Երբ միսսիս Շաստերի հերթը հասավ (նա շատ ճկուն չէր շարժվում, բայց և չէր դանդաղում), մի իսկական խավարում տեղի ունեցավ։ Միայն մի քանի բարակ ճառագայթներ էին թափանցում փրկարար հորից, և խուցը նորից մթնեց․ լույսի մի կարճատև առկայծումից հետո, նորից խավարը թագավորեց։ | ||
+ | |||
+ | Տղամարդկանց դուրս գալու հերթը եկավ։ Առաջինը՝ միստր Բալդուրինն էր․ հավանաբար, ուրախ էր, որ այդպիսի ազգանուն ուներ։ Ընդամենը մի տասը հոգի էին մնացել ներսում, երբ զուգարանի բարիկադավորված դռները պոկվեցին ծխնիներից։ Հեղեղը քշեց ամբարտակը։ | ||
+ | |||
+ | Ալիքը Պաթ Հարրիսին հասավ մոտավորապես հատակի մեջտեղում։ Որքան էլ լուսնափոշին թեթև ու հոսուն էր, այն կաշկանդում էր նրա շարժումները․ նավապետը ասես սոսնձի մեջ խրված լիներ։ Դեռ լավ էր, որ խոնավ օդը մի փոքր թրջել էր փոշին, այլապես խուցը փոշու խեղդող ամպով կլցվեր։ Պաթը հազում, փռշտում էր, նա գրեթե ոչինչ չէր տեսնում, բայց շնչել կարողանում էր։ | ||
+ | |||
+ | Բոսորագույն մառախուղի մեջ լսվում էր Սյուի ձայնը․ | ||
+ | |||
+ | ― Տասնհինգ, տասնվեց, տասնյոթ, տասնութ, տասնինը։ | ||
+ | |||
+ | Ստյուարդուհին խստորեն պահպանում էր հերթը։ Նա հուս ուներ, որ Սյուն մյուս կանանցից հետո անմիջապես դուրս կգա, բայց նա շարունակում էր ղեկավարել իր խնամակալներին։ Պաթը հուսահատ մենամարտ էր մղում լպրծուն, շարժուն փոշու դեմ, որն արդեն նրա գոտկատեղին էր հասել, և մտածում էր Սյուի մասին, այնպիսի սիրով էր մտածում, որ սիրտը ցավում էր։ Նա այլևս չէր տարակուսում։ Իսկական սերը զուգակցում է և՛ հակումը, և՛ քնքշությունը։ Սյուն վաղուց էր ձգում Պաթին, իսկ քնքշությունը նոր համակեց նրան։ | ||
+ | |||
+ | ― Քսան․․․ կոմոդոր։ Ձեր հերթն է շտապե՛ք։ | ||
+ | |||
+ | ― Բա ոնց չէ, Սյու, ― պատասխանեց կոմոդորը։ ― Բարձրացե՛ք։ | ||
+ | |||
+ | Պաթը չտեսավ, թե ինչ կատարվեց, փոշին ու խավարը խանգարում էին նրան, բայց նա գլխի ընկավ, որ Հանստենը ուղղակի Սյուին դուրս նետեց առաստաղի անցքից։ Ոչ տարիքը, ոչ էլ տիեզերական աշխատանքի տարիները չէին թուլացրել կոմոդորի բազուկները, որ նա մարզել էր Երկրի վրա։ | ||
+ | |||
+ | ― Դուք այստե՞ղ եք, Պաթ, ― լսվեց Հանստենի ձայնը։ ― Ես սանդուղքի վրա եմ։ | ||
+ | |||
+ | ― Մի սպասե՛ք․․․ գալիս եմ։ | ||
+ | |||
+ | Ասելն ավելի հեշտ էր, քան անելը։ Միլիոնավոր փափուկ, բայց ուժեղ մատներ կառչել էին նրանից, ետ էին ձգում փոշու մեջ։ Պաթը ձեռքը գցեց բազմոցի թիկնոցին (այն հազիվ էր երևում փոշու մեջ) և նետվեց դեպի լույսը։ | ||
+ | |||
+ | Ինչ֊որ բան դիպավ նրա դեմքին, ու նա ակամա ձեռքը բարձրացրեց, որպեսզի մի կողմ հրեր խանգարող առարկան, բայց իսկույն գլխի ընկավ, չէ որ դա սանդուղքն է։ Բոլոր ուժերը լարելով, Պաթը ձեռքերով դեպի վեր ձգվեց։ Ծարավի ծովը դանդաղորեն ու դժկամությամբ տեղի էր տալիս․․․ | ||
+ | |||
+ | Մինչև լյուկից դուրս գալը, Պաթը մի վերջին հայացք նետեց փոշեգնացի խցի վրա։ Վերջնամասը ամբողջովին ողողված էր, ու լուսնափոշին շարունակում էր բարձրանալ։ Նրա գորշ մակերեսը հարթ էր, առանց որևէ ծալքի։ Մի անբնական տեսլիք էր դա, այդ պատճառով էլ առավել զարհուրելի։ Պաթից մի մետր ցած (նա գիտեր, որ այդ մանրամասնությունը կհիշի ողջ կյանքում) թղթե բաժակը խաղալիքային նավի նման ծուլորեն ծածանվում էր խաղաղ լճակի վրա։ Մի երկու֊երեք րոպե հետո այն դեմ կառնի առաստաղին ու կընկղմվի փոշու մեջ, բայց առայժմ նա մաքառում էր։ | ||
+ | |||
+ | Չէր նահանջում նաև վթարային լույսը։ Լամպերը, նույնիսկ անթափանց խավարի մեջ ընկղմված դեռ երկար կվառվեն․․․ | ||
+ | |||
+ | Հորի մեջ հայտնվելով, Պաթ Հարրիսը սկսեց շտապ֊շտապ մագլցել վեր, ինչքան ուժերը ներում էին, բայց կոմոդորին հասնել չկարողացավ։ Անսպասելիորեն նրա աչքերին զարնեց պայծառ լույսը՝ Հանստենը դուրս եկավ։ Պաթը ակամա ցած նայեց ու տեսավ նրան կրնկակոխ հետևող փոշին։ Նույնքան հարթ ու անխռով՝ բայց հարձակվում է նույնպիսի համառությամբ։ | ||
+ | |||
+ | Մնում էր լոք անել անցնել կեսսոնի պռնկի վրայով, և ահա նա մարդկանցով լեփ֊լեցուն իգլուի մեջտեղում է, շրջապատված իր հոգնած, տանջված ուղեկիցներով։ Չորս հոգի սկաֆանդրերով ու մեկը առանց սկաֆանդրի օգնում էին նրանց խելքի գալու։ Երևի հենց վերջինն էլ գլխավոր ինժեներ Լոուրենսն էր։ Նույնիսկ մի տեսակ տարօրինակ էր այս բոլոր անցած օրերից հետո նոր դեմք տեսնելը․․․ | ||
+ | |||
+ | ― Բոլո՞րը դուրս եկան, ― արագ հարցրեց Լոուրենսը։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― պատասխանեց Պաթը։ ― Ես վերջինն եմ։ ― Ու ավելացրեց, ― հուսով եմ․․․ | ||
+ | |||
+ | Այդ խառնաշփոթության մեջ, խավարում դժվար չէր մեկն ու մեկին մոռանալը։ Հանկարծ Ռեդլին որոշեր, որ չարժե Նոր Զելանդիա վերադառնալ, որտեղ նա պատասխանատվության պետք է կանչվի․․․ | ||
+ | |||
+ | Չէ․․․ ահա նա, այստեղ է։ Պաթը հենց նոր էր սկսել հաշվել մարդկանց, երբ պլաստիկի հատակը ցնցվեց, իսկ հորի վրա ճախրեց փոշու օդանման ամպը։ Այն դիպավ առաստաղին, ետ եկավ ու ցրվեց։ Բոլորն ապշեցին։ | ||
+ | |||
+ | ― Այս ի՞նչ էր, ― զարմացավ գլխավորը։ | ||
+ | |||
+ | ― Թթվածնի ցիստեռնն էր, ― պատասխանեց Պաթը։ ― Մնաս բարով, ծերուկ լուսնագնաց, դու դիմացար, ինչքան հարկավոր էր։ | ||
+ | |||
+ | Ու «Սելենի» նավապետը անզուսպ լաց եղավ։ Նա շատ անհարմար էր զգում, բայց ոչինչ չէր կարող անել։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ երեսունմեկերորդ== | ||
+ | |||
+ | |||
+ | ― Միևնույն է այս դրոշները դուր չեն գալիս ինձ, ― ասաց Պաթը, երբ փոշեգնացը ճամփա ընկավ Պորտ֊Ռորիսի նավահանգստից։ ― Ախր, շատ անհեթեթ է, երբ մտածում ես, որ նրանք կախված են վակուումի մեջ։ | ||
+ | |||
+ | Թեև, երբ պարզ խոսենք, պատրանքը լիակատար էր։ Խայտաբղետ պատվադրոշները, որոնք զարդարում էին Տիեզերակայանի շենքը, ծփում էին գոյություն չունեցող քամուց։ Դա արվել էր շատ հասարակ, զսպանակներն ու փոքրիկ մոտորները օգնում էին թլսորելու երկրային հեռուստադիտողների գլուխը։ | ||
+ | |||
+ | Այսօր մեծ տոն է Պորտ֊Ռորիսի համար, և ոչ միայն նրա՝ այլև ամբողջ Լուսնի համար։ Ափսո՜ս, որ Սյուն իր հետ չէ, նման ճանապարհորդության համար նա լավ մարզավիճակում չէ։ Առավոտյան, երբ ճանապարհում էր իրեն, նա նույնիսկ գանգատվեց։ | ||
+ | |||
+ | ― Չեմ պատկերացնում, թե ինչպես են Երկրի վրա կանայք երեխա բերում։ Նման ծանրություն կրել այնտեղ, ուր ձգողականությունը վեց անգամ մերինից ավելի՛ն է․․․ | ||
+ | |||
+ | Պաթը շեղվեց ընտանեկան խորհրդածություններից ու լրիվ ընթացքով առաջ շարժվեց։ Արևի ճառագայթների տակ լուսնափոշին ասես միապաղաղ ծիածաններ կապեց նավի ետևում, ու խցում, «Սելեն 2֊ի» նավապետի թիկունքում լսվեցին երեսուներկու ուղևորների խանդավառ բացականչությունները։ | ||
+ | |||
+ | Նոր լուսնագնացի առաջին ռեյսը տեղի էր ունենում ցերեկը։ Ճանապարհրորդները չեն տեսնի Ծարավի ծովի դյութիչ լուսարձակումը, անշարժ երկրի կանաչ փայլը, ու չի լինի գիշերային արշավը կիրճով դեպի Խառնարանային լիճը։ Բայց այս ամենը հատուցվում էր տպավորությունների նորությամբ ու անսովորությամբ։ Իր անբախտ նախորդի շնորհիվ «Սելեն 2֊ը» համարյա ամենանշանավոր նավն էր ամբողջ արեգակնային համակարգությունում։ | ||
+ | |||
+ | Հին ճշմարտություն է․ վատ համբավը՝ լավագույն ռեկլամն է։ Ու հաշվելով տոմսերի նախնական հայտերը՝ «Լուսնաշրջիկի» պետը ուրախ էր, որ չէր զիջել, ստիպել էր մեծացնել սալոնը, որպեսզի հնարավոր լիներ վերցնել էլ ավելի շատ ուղևոր։ Իսկ ինչքա՜ն հարկ եղավ մարտնչել ընդհանրապես նոր «Սելեն» ստանալու համար։ «Վախեցած մարդն իր շվաքից էլ կվախենա», ― պնդում էր գլխավոր ադմինիստրատորը, ու զիջեց միայն այն բանից հետո, երբ պատեր Ֆերրարոն և Գեոֆիզիկական վարչությունը նրան համոզեցին, որ մոտակա մեկ միլիոն տարում կարելի է ապահով լինել Ծովի խարդավանքից։ | ||
+ | |||
+ | ― Այդպես պահե՛լ, ― տեղից վեր կենալով երկրորդ օդաչուին ասաց Պաթը։ ― Գնամ զրուցեմ ուղևորների հետ։ | ||
+ | |||
+ | Նա դեռ բավականին երիտասարդ ու փառամոլ էր, նրան շոյում էին ուղևորների հիացական հայացքները։ Նավում չկար մեկը, որ կարդացած չլիներ նավապետ Հարրիսի մասին կամ տեսած չլիներ նրան հեռուստացույցով։ Հենց միայն այն, որ նրանք նստած են այստեղ ― նշանակում է լիովին վստահում են նրան։ Իհարկե, դա միայն նրա ծառայությունը չէր, Պաթը լավ էր հասկանում այդ, բայց նա առանց կեղծ համեստության գնահատում էր իր վարմունքը «Սելեն 1֊ի» վերջին ժամերին։ Խորտակված, փոշեգնացի փոքրիկ ոսկե մոդելը («Վերջին նավարկության բոլոր մասնակիցներից՝ անկեղծ հիացմունքով» միստր և միսսիս Հարրիսներին մատուցված հարսանեկան նվերը) ամենաթանկ պարգևն էր նրա համար։ | ||
+ | |||
+ | Պաթ Հարրիսը դեպի նավախելն էր գնում, ողջյուններ փոխանակելով ուղևորների հետ։ Հանկարծ նա կանգ առավ, ասես մեխվելով տեղում։ | ||
+ | |||
+ | ― Հըլլո, նավապետ, ― լսվեց ծանոթ ձայնը։ ― Դուք կարծես, զարմացա՞ծ եք։ | ||
+ | |||
+ | Պաթը անմիջապես իրեն հավաքեց ու մի շլացուցից պաշտոնական ժպիտ պարգևեց նրան։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, միսս Մոռլի, ինչպիսի հաճելի անակնկալ։ Ես չէի էլ կասկածում, որ դուք Լուսնի վրա եք։ | ||
+ | |||
+ | ― Ինձ համար նույնպես անակնկալ է այս։ Եվ այս ամենը շնորհիվ այն ակնարկի, որ ես գրեցի «Սելեն֊մեկի» մասին։ «Միջմոլորակային կյանք» ամսագիրը ինձ հանձնարարել է պատմել նոր փոշեգնացի առաջին ուղերթի մասին։ | ||
+ | |||
+ | ― Հուսով եմ, ― ասաց Պաթը, ― այն կանցնի առանց այնպիսի արկածների, ինչպես անցյալ անգամ։ Ասացեք, խնդրեմ, մյուսներից որևէ մեկին հանդիպո՞ւմ եք։ Վերջերս ես նամակ ստացա դոկտոր Մըքենզիից, Շաստերները նույնպես գրում են, բայց Ռեդլիի մասին ոչինչ չգիտեմ։ Ի՞նչ պատահեց այդ խեղճ մարդու հետ Հարդինգի ձերբակալելուց հետո։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ։ Եթե հաշվի չառնենք, որ նրան աշխատանքից ազատեցին։ Դատի տա՞լ նրան։ Չէ որ բոլորը կհամակրեն նրան, էլ չասած, որ նրա օրինակին հետևողներ էլ կլինեն։ Ասում են, իր ապրուստը հոգալու համար նա այժմ իր դավանակիցների համար դասախոսություններ է կարդում «Ինչ հայտնաբերեցի ես Լուսնի վրա» թեմայով։ Ու գիտեք, նավապետ Հարրիս, ինձ թվում է․․․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ։ | ||
+ | |||
+ | ― Նա նորից Լուսին կվերադառնա։ | ||
+ | |||
+ | ― Ինչքան շուտ, այնքան լավ։ Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ էր ուզում գտնել նա Ճգնաժամների ծովում։ | ||
+ | |||
+ | Նրանք ծիծաղեցին, ապա միսս Մոռլին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես լսել եմ, որ դուք դուրս եք գալիս աշխատանքից։ | ||
+ | |||
+ | Պաթը նկատելիորեն շփոթվեց։ | ||
+ | |||
+ | ― Դա ճիշտ է, ― հաստատեց նա։ ― Տիեզերական գծերի վրա եմ փոխադրվում։ Եթե բոլոր փորձարկումներին դիմանամ։ | ||
+ | |||
+ | Պաթը շատ էլ վստահ չէր դրանում, բայց չէր ուզում հրաժարվել փորձելուց։ Լուսնագնաց վարելը՝ հետաքրքիր, հաճելի աշխատանք է, խոսք չկա։ Իսկ հետո՞։ Սյուն ու կոմոդորը ճիշտ են ասում․ դա փակուղի է։ | ||
+ | |||
+ | Նա ուրիշ պատճառ էլ ուներ։ Պաթ Հարրիսը հաճախակի էր խորհում այն մասին, թե ինչքան ճակատագրեր փոխվեցին, երբ Ծարավի ծովը հորանջեց աստղազարդ երկնքին նայելով։ «Սելեն 1֊ում» տեսածը անդրադարձավ յուրաքանչյուրի վրա, ու գրեթե նրանք բոլորն էլ փոխվեցին դեպի լավը։ Օրինակի համար հեռու գնալու հարկ չկա։ Ինչքան հաշտ ու խաղաղ են խոսում ինքը և միսս Մոռլին․․․ | ||
+ | |||
+ | Անցյալ իրադարձությունները անհետևանք չեղան նաև փրկարար գործողությունների մասնակիցների համար, առանձնապես դոկտոր Լոուսոնի և գլխավոր ինժեներ Լոուրենսի համար։ | ||
+ | |||
+ | Պաթը քանիցս հեռուստացույցի էկրանի վրա տեսել էր դյուրաբորբոք աստղագետին՝ գիտական թեմաներով հաղորդումներում, բայց երախտագիտության զգացումն էլ չէր օգնում՝ Լոուսոնը առաջվա նման նրան դուր չէր գալիս։ Բայց, դատելով ըստ ամենայնի, դուր է գալիս միլիոնավոր հեռուստադիտողների։ | ||
+ | |||
+ | Իսկ ինչ վերաբերվում է Լոուրենսին, նա առանց ձեռքերը ծալելու գիրք էր գրում (պայմանական վերնագիրը՝ «Մարդը Լուսնի մասին»), և անիծում այն օրը, երբ պայմանագիր կնքեց հրատարակչության հետ։ Պաթը նրան օգնեց «Սելենին» նվիրված գլուխներում։ Սյուն հանձն առավ, քանի դեռ երեխան չի ծնվել, կարդալ֊շտկել ձեռագիրը։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, ― ասաց Պաթ Հարրիսը, հիշելով նավապետի պարտականությունները, ― ես պետք է ուշադրության արժանացնեմ նաև մյուս ուղևորներին։ Կլավիում լինեք, անցեք մեզ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Անպատճառ կգամ, ― խոստացավ միսս Մոռլին, մի թեթև տարակուսած, բայց ակներևբար գոհ հրավերի համար։ | ||
+ | |||
+ | Պաթը առաջ անցավ, պատասխանելով բարևներին ու հարցերին։ Ահա և օդասահանքի հատվածը։ Նա մտավ, դուռը ետևից փակեց ու միայնակ մնաց։ | ||
+ | |||
+ | Ինչ կարելի է ասել, այստեղ շատ ավելի ընդարձակ է, քան «Սելեն 1֊ի» անցման փոքրիկ խցիկում։ Սակայն, ընդհանուր առմամբ ամեն ինչ նույնն է, և զարմանալի չէ, որ հուշերը հորդեցին․․․ Ահա սկաֆանդրը՝ արդյոք այն չէ՞, որ թթվածին էր մատակարարում իրեն ու Մըքնեզիին, երբ մյուսները քնած էին․․․ Ու մի՞թե այս միջնորմին չէր դրել նա ականջը, լսելով վերընթաց փոշու հոսանքի շրշյունը։ Եվ չէ որ հենց օդասահանքի խցիկում ինքն ու Սյուն առաջին անգամ իսկապես ճանաչեցին միմյանց․․․ | ||
+ | |||
+ | Բայց ահա նորություն․ պատուհան արտաքին դռան վրա։ Պաթը դեմքը հպեց ապակուն ու հայացքը հառեց հեռուն՝ մոտով սլացող Ծարավի ծովի հարթությանը։ | ||
+ | |||
+ | Այժմ փոշեգնացի այս կողմը ստվերոտ է, պատուհանը նայում էր տիեզերական սև գիշերվան, և հենց որ աչքերը սովորեցին խավարին, նա տեսավ աստղերը։ Միայն ամենախոշորները, իհարկե, քանի որ ցրված լույսը խանգարում էր տեսնել մյուսները։ Ահա Յուպիտերը՝ Վեներայից հետո ամենապայծառ մոլորակը։ | ||
+ | |||
+ | Շուտով ինքն այնտեղ կլինի, հարազատ աշխարհից հեռու․․․ Այդ միտքը և՛ ուրախացնում էր նրան, և՛ վախեցնում, և, այնուամենայնիվ, Պաթը գիտեր, որ տեղում չի նստելու։ | ||
+ | |||
+ | Նա սիրում էր Լուսինը, բայց այն փորձեց սպանել իրեն, և նա միշտ վատ կզգա իրեն նրա ամայի տարածություններում։ Ինչ խոսք, մեծ տիեզերքը ավելի ահարկու և դաժան է, սակայն Պաթը դեռ առիթ չի ունեցել մարտնչելու նրա հետ։ Իսկ հարազատ Լուսնի հետ իր հարաբերությունները լավագույն դեպքում կհիշեցնեն զինված չեզոքությունը։ | ||
+ | |||
+ | Խցիկի դուռը բացվեց, ներս մտավ ստյուարդուհին, բելերով դատարկ գավաթներով սկուտեղը։ Պաթը երեսը շրջեց պատուհանից ու աստղերից։ Երբ հաջորդ անգամ նա՝ նրանց տեսնի, անհամեմատ ավելի պայծառ կլինեն։ | ||
+ | |||
+ | Նավապետը ժպտաց գեղեցիկ համազգեստով աղջկան։ | ||
+ | |||
+ | ― Այդ ամենը ձերն է, միսս Ջոնսոն։ ― Նա ձեռքով ցույց տվեց նեղլիկ նավախոհանոցը։ ― Լավ տանտիրուհի եղեք։ | ||
+ | |||
+ | Ապա նա վերադարձավ ղեկի մոտ ու ձեռնամուխ եղավ «Սելեն 2֊ի» առաջին ուղերթին, որն իր վերջին նավարկությունն էր Ծարավի ծովով։ | ||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | |||
+ | <references /> |
Ընթացիկ տարբերակը 09:22, 12 Ապրիլի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Արթուր Քլարկ |
Բովանդակություն
- 1 Գլուխ առաջին
- 2 Գլուխ երկրորդ
- 3 Գլուխ երրորդ
- 4 Գլուխ չորրորդ
- 5 Գլուխ հինգերորդ
- 6 Գլուխ վեցերորդ
- 7 Գլուխ յոթերորդ
- 8 Գլուխ ութերորդ
- 9 Գլուխ իններորդ
- 10 Գլուխ տասներորդ
- 11 Գլուխ տասնմեկերորդ
- 12 Գլուխ տասներկուերորդ
- 13 Գլուխ տասներեքերորդ
- 14 Գլուխ տասնչորսերորդ
- 15 Գլուխ տասնհինգերորդ
- 16 Գլուխ տասնվեցերորդ
- 17 Գլուխ տասնյոթերորդ
- 18 Գլուխ տասնութերորդ
- 19 Գլուխ տասնիններորդ
- 20 Գլուխ քսաներորդ
- 21 Գլուխ քսանմեկերորդ
- 22 Գլուխ քսաներկուերորդ
- 23 Գլուխ քսաներեքերորդ
- 24 Գլուխ քսանչորսերորդ
- 25 Գլուխ քսանհինգերորդ
- 26 Գլուխ քսանվեցերորդ
- 27 Գլուխ քսանյոթերորդ
- 28 Գլուխ քսանութերորդ
- 29 Գլուխ քսանիններորդ
- 30 Գլուխ երեսուներորդ
- 31 Գլուխ երեսունմեկերորդ
Գլուխ առաջին
Պաթ Հարրիսին դուր էր գալիս իր պաշտոնը․ չէ՞ որ նա Լուսնի վրա գտնվող միակ հրթիռանավի՝ «Սելենի» նավապետն էր։ Նայելով ուղևորներին, որոնք շտապում էին տեղ գրավել լուսամուտների մոտ, նա մտածում էր, թե ինչպես կանցնի այսօրվա ուղերթը։ Շրջահայելու մեջ նա նկատեց միսս Ուիլքինսին։ «Լուսնաշրջիկի» գրասենյակի աշխատակցուհու երկնագույն համազգեստով, որը նրան շատ էր սազում, նա բարեխղճորեն «Բարի գալուստ» էր մաղթում ուղևորներին։ Աշխատանքի ժամին Պաթ Հարրիսոնը միշտ ջանում էր նրա մասին մտածել որպես միսս Ուիլքինսի, այլ ոչ՝ որպես Սյուի․ դա նրան օգնում էր, որ գործից չկտրվի։ Թե ինչ էր մտածում Սյուն իր մասին, նա դեռ չէր պարզել։
Ոչ մի ծանոթ դեմք, բոլորն էլ սկսնակ են ու բոլորն էլ կանխավայելում են իրենց առաջին նավարկությունը։ Մեծամասնությունը, այսպես ասած, տիպիկ զբոսաշրջիկները՝ հասակն առած մարդիկ են, հրապուրված այն աշխարհով, որը նրանց երիտասարդության օրերին անհասանելիության խորհրդանիշ էր։ Միայն չորս֊հինգ հոգի ավելի երիտասարդ էին՝ երեսունից պակաս․ նրանք հավանաբար լուսնային խարսխակայաններից մեկի աշխատողներն էին, և որոշել էին օգտագործել ազատ օրը։ Պաթն արդեն նկատել էր․ գրեթե որպես կանոն, եթե տարիքավոր զբոսաշրջիկներ են՝ ուրեմն երկրից են, երիտասարդներ՝ Լուսնի բնակիչներ են։ Այսպես թե այնպես Ծարավի ծովը նրանց կապշեցնի․․․ Ահա, լուսնացույցից դուրս, ընդհուպ մինչև աստղերը տարածվում է մռայլ, գորշ հարթությունը։ Իսկ ծովի վրա՝ երկնքում, արդեն առաջին միլիարդ տարին չէ, որ անշարժ կախված է Երկիրը։ Նրա կապտա֊կանաչավուն նվազող մանգաղը իր սառը շողերով ողողել էր լուսնային բնատեսարանը։ Այո, այստեղ ցուրտ է․․․ ծովի մակերևույթի վրա, հավանաբար, հարյուր վաթսուն աստիճան զրոյից ցածր է։
Նայելով նրան ամենևին չես ասի՝ հեղուկ է, թե կարծր։ Տափարակ, անվերջանալի հարթություն, ճաքեր ու ճեղքվածքներ, որոնք ակոսել են այդ մեռյալ աշխարհի ողջ դեմքը։ Ո՛չ թումբ, ո՛չ փոս, ո՛չ քար՝ ոչինչ չի խանգարում միապաղաղությունը։ Երկրի վրա չես գտնի որևէ ծով՝ ի՜նչ ծով, լճակ, որն այդքան խաղաղ մակերես ունենա։
Ծարավի ծովը լցված է ոչ թե ջրով, այլ փոշով։ Ահա թե ինչու նա այդքան անսովոր է թվում մարդկանց, այդպես գրավում ու դյութում նրանց։ Լուսնափոշին, որը մանր է, ինչպես նուրբ տալկը, ավելի չոր, քան Սահարայի շիկացած ավազը, այստեղի անօդ տարածության մեջ ասես ամենահոսուն հեղուկը լինի։ Ձեռքիցդ գցիր ծանր առարկան՝ անմիջապես կկորչի, ոչ մի հետք, ոչ մի ճղփյուն․․․ Այդ նենգ մակերևույթի վրա տեղից֊տեղ կարելի է շարժվել միայն երկտեղանոց փոշեսահնակներով, որոնք ստեղծված են հատկապես դրա համար։ Եվ իհարկե, «Սելենով»՝ սահնակի ու ավտոբուսի մի զարմանալի խառնուրդ, շատ նման այն ամենագնացներին, որոնք տասնյակ տարիներ առաջ օգնեցին յուրացնելու Անտարկտիդան։
«Սելենի» տեխնիկական անունը Փ-1 էր, այսինքն, փոշեգնաց, առաջին փորձանմուշ (որքան Պաթին հայտնի էր, երկրորդ փորձանմուշը նույնիսկ նախագծված չէր)։ Նրան կոչում էին «նավ», «լուսնանավ», «լուսնագնաց»՝ ում ինչպես դուր էր գալիս։ Պաթը նախընտրում էր «լուսնանավը»․ դա բացառում էր խառնաշփոթությունը։ Այդպես նրան ոչ ոք չէր ընդունի տիեզերական նավի նավապետի տեղ՝ կոչում, որով վաղուց արդեն չես զարմացնի ոչ ոքի։
― Բարի գալուստ, ― ասաց միսս Ուիլքինսը, երբ բոլորը տեղավորվեցին։ ― Նավապետ Հարրիսը և ես շատ ուրախ ենք ձեզ տեսնելու համար։ Մեր ճանապարհորդությունը չորս ժամ կտևի, առաջին տեսարժան վայրը՝ Խառնարանային լիճն է, այստեղից հարյուր կիլոմետր արևելք, Անմատչելիության լեռներում։
Պաթն արդեն չէր լսում ծանոթ խոսքերը, նա պատրաստվում էր մեքենան գործի դնելու։ Ըստ էության «Սելենը» տիեզերանավի վերերկրյա մի տարատեսակ էր․ ու դա բնական էր, չէ որ նա շարժվում էր դատարկության մեջ և նրա խոցելի բեռը կարիք ուներ պաշտպանության՝ բոլոր կենդանի արարածների համար թշնամի միջավայրից։ Թեև «Սելենը» երբեք վեր չէր սլացել Լուսնի մակերևույթից և շարժվում էր ոչ թե հրթիռային շարժիչների, այլ էլեկտրոմոտորների օգնությամբ, նրա ամբողջ հիմնական սարքավորումը նման էր իսկական հրթիռի նավասարքին, ― և ամեն ինչ պետք է ստուգվեր թռիչքից առաջ։
Թթվածինը կարգին է։ Շարժիչը կարգին է։ Ռադիոն՝ կարգին է։ (Ալլո, Ծիածան, ես «Սելենն» եմ, ստուգում եմ։ Ընդունո՞ւմ եք իմ ազդանշանները»)։ Իներցիայի սիստեմի սլաքը՝ զրոյի վրա է։ Օդասհանքի խցիկը փակ է։ Արտահեղության հայտնաբերիչը՝ կարգին է։ Ներքին լուսավորությունը՝ կարգին է։ Եվ այլն, ընդհանուր առմամբ հինգ տասնյակից ավելի հանգույցներ, որոնցից յուրաքանչյուրը անսարքության դեպքում ավտոմատ կերպով ազդանշան կտար։ Սակայն Պաթ Հարրիսը, ինչպես նաև տիեզերական ծառայության բոլոր աշխատողները, որոնք երազում էին ապրել մինչև խոր ծերություն, երբեք հույսը չէր դնում ավտոմատ ազդանշանման վրա, երբ անձամբ կարելի էր ստուգել։
Ի վերջո ամեն ինչ պատրաստ է։ Հազիվ լսելի՝ մոտորները սկսեցին աշխատել, իսկ թիապտուտակները դեռևս պարապ էին, և կառանված «Սելենը» միայն փոքր֊ինչ ցնցվում էր։ Պաթը թեթևակի շրջեց ձախ պտուտակի թիակները։ Նավը դանդաղ սկսեց թեքվել դեպի աջ։ Հեռանալով կայարանի շենքից, նա ուղղություն վերցրեց և արագ ընթացքով տեղից պոկվեց։
Նավը հիանալի էր հնազանդվում, չնայած բոլորովին նոր կառուցվածք ուներ։ Այստեղ չէր կարելի հենվել հազարամյա փորձի վրա, որ մարդ սկսել է կուտակել դեռևս քարի դարում, երբ առաջին անգամ գերանը ջուրը գցեց։ «Սելենը» նախորդներ չէր ունեցել, նա ծնվել էր մի քանի ինժեներների գլխում, որոնք նստելով գծագրական տախտակի առջև, միտք են արել, թե «ինչպիսին պետք է լինի մեքենան, որպեսզի նրանով կարելի լինի սահել փոշու ծովի վրայով»։
Ինչ֊ որ մեկը հիշելով հին ժամանակները, առաջարկեց անիվներ հարմարեցնել նավախելին։ Բայց հետո գերապատվությունը տվել են ավելի զորեղ պտուտակներին։ Նրանք մխրճվում էին փոշու մեջ՝ առաջ հրելով «Սելենը», իսկ նավահետքի հոսանքը հիշեցնում էր մի շատ ժրաջան խլուրդի հետք, որը սակայն անմիջապես չքանում էր, ― ու նորից հարթ մակերես, ոչ մի նշան այն բանի, որ այստեղով նավ էր անցել։
Պորտ֊Ռորիսի հերմետիկ գետնահար գմբեթները արագորեն անցնում էին հորիզոնի ետևը։ Տասը րոպեից էլ պակաս ժամանակամիջոցում նրանք անհետացան տեսողությունից, և «Սելենը» միայնակ մնաց։ Մեն֊մենակ մի այնպիսի տեղում, որի համար Երկրի վրա և ոչ մի լեզվով դեռ իսկական անուն չկար։
Պաթը հանգցրեց մոտորները, կանգնեցրեց նավը և սպասեց մինչև լռություն տիրեց։ Նա արդեն գիտեր, ուղևորներին հարկավոր է մի ինչ֊որ ժամանակ՝ իմաստավորելու համար անսովորականությունը այն ամենի, որ տարածվում էր լուսանցույցներից դուրս։ Նրանք թռել֊անցել էին տիեզերքով, ամենուր տեսել աստղեր, վերևից (կամ ներքևից) նայել էին երկրի փայլատկող սկավառակին, բայց սա, ― սա բոլորովին այլ բան է։
Մինչ լռությունը ճնշող կդառնար (չի էլ կարելի չափն անց կացնել․ մեկն ու մեկը կվախենա), Պաթը ոտքի կանգնեց ու դիմեց ուղևորներին։
― Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, ― սկսեց նա։ ― Հուսով եմ միսս Ուիլքինսը հոգ է տարել, որպեսզի լավ զգաք ձեզ։ Մենք կանգ առանք, որովհետև այստեղից շատ հարմար է Ծովի հետ առաջին ծանոթությունը սկսելու համար։ Այստեղ կարելի է, ինչպես ասում են, ըմբոշխնել այն։
Պաթ Հարրիսը մատնացույց արեց լուսանցույցենրը և նրանցից դուրս գտնվող տեսլային գորշ հարթությունը։
― Ի՞նչ եք կարծում, ― կամաց հարցրեց նա, ― ինչքա՞ն կլինի այստեղից մինչև հորիզոնը։ Կամ․ ինչպիսի՞ն կերևար ձեզ մարդը, եթե նա կանգնած լիներ ա՜յ այնտեղ, ուր աստղերը ասես քսվում են Լուսնի մակերևույթին։
Միայն տեսողությանը ապավինելով, անհնար կլիներ ճիշտ պատասխան տալ նրա հարցին։ Տրամաբանությունը հուշում էր․ Լուսինը շատ փոքր է, հորիզոնը ամենևին էլ հեռու չպետք է լինի։ Բայց զգացությունները այլ բան էին ասում․ «Այս աշխարհը միանգամայն տափարակ է և տարածվում է դեպի անսահմանություն։ Ամբողջ տիեզերքը նա կիսել է երկու մասի, և չունի ոչ վերջ, ոչ սահման․․․»։
Պատրանքը չէր վերանում նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը իմանում էր դրա պատճառը։ Աչքը չի կարող դատել տարածության մասին, եթե չկա մի բան, որի վրա կանգնեցնես հայացքդ, եթե նա անօգնական կերպով սահում է փոշու օվկիանոսի մռայլ հարթության վրայով։ Այստեղ չի եղել նույնիսկ այն, ինչը միշտ առկա է Երկրի վրա՝ մթնոլորտը, այն թեթև շղարշը, որը կօգներ որոշել, թե ինչն է մոտ, և ինչը հեռու։ Իսկ աստղերը՝ լույսի այդ չառկայծող կետերը, նույնքան պայծառ էին գլխավերևում և հորիզոնի մոտ։
― Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ― շարունակեց Պաթը, ― դուք տեսնում եք ընդամենը երեք կիլոմետրի վրա, կամ երկու մղոն, եթե ձեզանից որևէ մեկը դեռ չի ընտելացել մետրային սիստեմին։ Գիտեմ, թվում է թե մինչև հորիզոնը մի քանի լուսատարի է, բայց դուք կարող էիք հասնել այնտեղ քսան րոպեում, եթե միայն հնարավոր լիներ քայլել այդ փոշու միջով։
Մա նորից նստեց և մոտորները գործի քցեց։
― Այժմ հաջորդ վաթսուն կիլոմետրը առանձնապես ոչինչ չեք տեսնի, ― ասաց նա առանց ետ նայելու, ― այնպես որ արագ կգնանք։
«Սելենը» պոկվեց առաջ։ Ուղևորները առաջին անգամ իսկապես զգացին արագությունը։ Թիակները կատաղորեն հարում էին փոշին, նավածիրը ավելի ու ավելի էր երկարում, և ահա արդեն նավախելի մոտ երկու կողմերից վեր բարձրացան երևութական հսկա քղանցատուտերը։ Հեռվից «Սելենը» կարող էր թվալ մի սառցե խոփ, որ ճեղում էր Լուսնի շողերով ողողված ձմեռային բնատեսարանը։ Բայց գորշագույն, սահուն կերպով փլչող պարաբոլները ձյուն չէին, իսկ նրանց փայլ տվող լուսատուն Երկիր մոլորակն էր։
Ուղևորները հանգստանում էին, հաճույք ստանալով միապաղաղ, գրեթե անձայն շարժումից։ Նրանցից յուրաքանչյուրը առիթ է ունեցել սուրալու հարյուրավոր անգամ ավելի արագ, երբ թռչում էր Լուսին։ Սակայն տիեզերքում արագությունը չի զգացվում, ահա թե ինչու փոշու վրայով սրընթաց սահելը շատ ավելի հրապուրիչ էր։ Պաթը մի կտրուկ շրջադարձ կատարեց տեղում, «Սելենը» շրջան գծեց և քիչ մնաց հասնել անկշռելիության մեջ կախված քղանցքատուտին, որը դեպի երկինք էին նետել պտտվող թիակները։ Անբնական էր թվում, որ այդ փոշին վեր է սլանում ու թափվում առանց շաղ գալու, որ օդի դիմադրությունը չի փշրում այդ անբասիր կամարները։ Երկրի վրա այն օդում կախված կմնար ժամերով, թերևս նաև օրերով։
Հենց որ նավը ուղղեց իր ընթացքը և այլևս դիտելու ոչինչ չմնաց ամայի հարթությունից բացի, ուղևորները սկսեցին զբաղվել իրենց համար նախատեսված գրականությամբ։ Նրանց բաժանվեց նկարազարդ ծանուցատետրեր, քարտեզներ, հուշանվերներ («Սույնը վկայում է, որ միստեր (միսիս, միսս)․․․ ճանապարհորդել են Լուսնի ծովերում «Սելեն» փոշեգնացով) և տեղեկատու գրքույկներ։ Այստեղ նրանք կարող էին գտնել բոլոր տեղեկությունները, թերևս նույնիսկ մի քիչ էլ ավելին, Ծարավի ծովի մասին։
Նրանք կարդացին, որ գրեթե ամբողջ Լուսինը ծածկված է բարակ, մի քանի միլիմետր հաստությամբ փոշու շերտով։ Այստեղ կարելի է հանդիպել և՛ «աստղային աճյունի»՝ երկնաքարերի բեկորների, որոնք լուսնի անպաշտպան երեսն են ընկել առնվազն հինգ միլիարդ տարի առաջ, և՛ լուսնալեռների թեփուկների, որոնք գիշերը սեղմվում են, ցերեկը ընդարձակվում են ջերմաստիճանի կտրուկ փոփոխումից։ Ինչից էլ որ առաջանա, այդ փոշին այնքան մանր է, որ նույնիսկ այստեղի աննշան ձգողականության պայմաններում, հոսում է ճիշտ և ճիշտ, ինչպես հեղուկը։
Հազարամյակներ շարունակ նա հոսել է լեռներից հարթավայրերը՝ կազմելով լճակներ ու լճեր։ Լուսնի առաջին հետազոտողները կանխատեսել էին այդ երևույթը և պատրաստ էին դրան։ Բայց Ծարավի ծովը ցնցեց բոլորին, ոչ ոք չէր սպասում, որ այստեղ կհանդիպի հարյուր կիլոմետրից ավելի լայնություն ունեցող փոշով լեփ֊լեցուն մի թասի։
Լուսնի «ծովերի» համեմատությամբ այն շատ փոքր էր, և աստղագետները պաշտոնապես երբեք չեն ընդունել նրա անվանումը, պատճառաբանելով, որ դա սոսկ Սինուս Ռորիսի՝ Ցողի ծովախորշի մի մասն է կազմում։ Միթե կարելի է, ասում էին նրանք, ծով անվանել ծովախորշի մի մասը։ Եվ, այնուամենայնիվ, չնայած բոլոր առարկություններին, «Լուսնաշրջիկի» ռեկլամների բաժնի աշխատակիցներից ինչ֊որ մեկի հորինած անունը բռնեց։ Ի դեպ, այն ամենևին էլ վատ չէր այլ «ծովերի» անուններից՝ Ամպերի ծով, Անձրևների ծով, Անդորրության ծով։ Չխոսելով արդեն Նեկտարի ծովի մասին։
Գրքույկը պարունակում էր նաև հանգստացնող տեղեկություններ՝ ցրելու համար ավելի ջղային ճանապարհորդների երկյուղը և ապացուցելու, որ «Լուսնաշրջիկի» գրասենյակը նախատեսել է ամեն ինչ։ «Արված է ամեն բան, որպեսզի ապահով լինի ձեր անվտանգությունը, ― ասված էր այնտեղ։ ― «Սելենում» թթվածնի պաշարը կբավականացնի ավելի քան մեկ շաբաթ, բոլոր կարևոր համակարգերը կրկնակի են։ Ավտոմատ ռադիոփարոսը կանոնավոր կերպով խարսխակայան է հայտնում, թե որտեղ եք գտնվում դուք, և նույնիսկ եթե մոտորները շարքից դուրս գան, ձեզ արագորեն Պորտ֊Ռորիս կվերադարձնի փոշեսահնակը։ Իսկ որ հիմնականն է, դուք չպետք է վախենաք փոթորկալից եղանակից։ Ինչքան էլ վատ տանեք ծովային հիվանդությունը, Լուսնի վրա այն չի սպառնում ձեզ։ Ծարավի ծովը չի փոթորկում, նա միշտ խաղաղ է»։
Այս տողերը գրողը բնավ չէր կեղծում․ կարելի՞ էր արդյոք ենթադրել, որ դրանք շուտով կհերքվեն․․․
Մինչդեռ «Սելենը» անաղմուկ սահում էր գիշերային խավարում, Լուսնի կյանքը ընթանում էր իր կարգով։ Միլիոնավոր տարիների ընդարմությանը փոխարինելու էր եկել բուռն աշխուժությունը, և վերջին հիսուն տարվա ընթացքում Լուսնի վրա ավելի շատ իրադարձություններ տեղի ունեցան, քան նախորդ հինգ միլիարդ տարում։ Իսկ ի՞նչ է սպասվում վաղը։
Հարազատ մոլորակի սահմաններից դուրս մարդու կառուցած անդրանիկ քաղաքի առաջին զբոսայգու արահետներով քայլում էր գլխավոր ադմինիստրատոր Ուլսենը։ Ինչպես և Կլավի քաղաքի բոլոր քսանհինգ հազար բնակիչները, նա շատ էր հպարտանում իր զբոսայգով։ Իհարկե, զբոսայգին փոքրիկ է, բայց, համենայն դեպս, ոչ այնքան փոքր, ինչպես այն նկարագրել էր մի շաղակրատ հեռուստատեսությունից՝ թե իբր դա «պատուհանի մի ծաղկաման է, որը տառապում է մեծամոլությամբ»։ Եվ, համենայն դեպս, Երկրի վրա ոչ մի զբոսայգում կամ բանջարնոցում չկան տասը մետրանոց արևածաղիկներ։ Բարձր՝ գլխավերևում լողում էին սպիտակթույր փոքրիկ ամպերը, ― ավելի ճիշտ, այդպես էր թվում։ Իրականում դա ընդամենը պատկերի արտացոլումն էր գմբեթի կամարների տակ, բայց այնքան ճշմարտանման, որ երբեմն գլխավոր ադմինիստրատորը հարազատ տան կարոտն էր քաշում։ Տա՞ն։ Նա ուղղեց իր սխալը․ նրա տունն այստեղ է։
Բայց և այնպես, Ուլսենը հոգու խորքում զգում էր, որ դա այդպես չէ։ Թերևս, նրա երեխաների համար կլինի այլ կերպ, նրանք իսկական լուսնային բնակիչներ են, լույս աշխարհ են եկել Կլավիում։ Իսկ ինքը ծնվել է Ստոկհոլմում, Երկրի վրա, և նրա հետ կապված է այնպիսի կապերով, որոնք տարեց֊տարի կարող են թուլանալ, բայց չխզվել երբեք։
Նրանից մոտ մեկ կիլոմետրի վրա, գլխավոր գմբեթից ոչ հեռու, Լուսնային տուրիզմի վարչության պետ Դևիսը ի մի էր բերել վերջին հասույթները։ Ինչ կա որ, վատ չէ։ Նոր սեզոնում եկամուտներն աճեցին։ Հասկանալի է, Լուսնի վրա չկան տարվա եղանակներ, բայց նկատվել է, որ զբոսաշրջիկների թիվն ավելանում է այն ժամանակ, երբ Երկրի Հյուսիսային կիսագնդում սկսվում է ձմեռը։
Ինչպե՞ս ամրապնդել հաջողությունը։ Մշտական պրոբլեմ է․․․ Չի կարելի անընդհատ ցույց տալ միևնույն բանը, զբոսաշրջիկները զանազանություն են սիրում։ Անսովոր բնանկար, թույլ ձգողականություն, Երկրի տեսարանը, Ֆարսայդի առեղծվածները, հոյատեսիլ աստղակապ երկինք, առաջին բնակավայրերը (որտեղ, սակայն, ոչ միշտ են ուրախ զբոսաշրջիկների գալուն), ― էլ ի՞նչ կարող է առաջարկել Լուսինը։ Բայց ափսո՜ս, որ նրա վրա չկան «տեղացի» լուսնաբնակներ՝ տարօրինակ սովորույթներով ու ալ ավելի տարօրինակ արտաքինով, որոնց կարողանային լուսանկարել հյուրերը։ Ավա՜ղ, օրգանական աշխարհի ամենախոշոր ներկայացուցչին, որ հայտնաբերվել է Լուսնի վրա, կարելի է դիտել մանրադիտակով։ Այն էլ ասենք, որ նրա նախնիները այստեղ են եկել «Լուննիկ֊2֊ի» օգնությամբ, մարդուց ընդամենը մի տասը տարի առաջ։
«Լուսնաշրջիկի» գրասենյակի պետը մտովի թերթեց տելեֆաքսով ստացված վերջին նամակները․ գուցե նրանցից հնարավոր լինի մի օգո՞ւտ քաղել։ Այսպես, ուրեմն, մի ինչ֊որ հեռուստատեսային ընկերության հերթական հարցումը՝ մեծ ցանկություն ունեն վավերագրական նոր կինոնկար հանել Լուսնի մասին, պայմանով, որ «Լուսնաշրջիկի» գրասենյակը իր վրա վերցնի բոլոր ծախսերը։ Պատասխանը բացասական կլինի․ եթե ընդունեք նման բոլոր սիրալիր առաջարկները, շատ շուտով կարող եք սնանկանալ։
Այնուհետև՝ իր պաշտոնակցի երկարաբան նամակը «Մեծ Նյու֊Օռլեան» տուրիստական ընկերությունից։ Առաջարկում է աշխատակիցների փոխանակում։ Հայտնի չէ, ով կշահի դրանից՝ Լուսինը թե Նյու֊Օռլեանը, բայց գոնե ծախսեր չկան և օգտակար է «Լուսնաշրջիկի» համար։ Բայց այս մյուս նամակը, իսկապես, հետաքրքիր է․ ջրադահուկի գծով Ավստրալիայի չեմպիոնը հարցնում է, թե արդյոք որևէ մեկը փորձել է սահել Ծարավի ծովում։
Ինչ կա որ՝ կարելի է փորձել։ Ինչպե՞ս է, որ մինչև օրս ոչ ոք չի մտածել այդ մասին։ Գուցե արդեն փորձե՞լ են, կառչելով «Սելենին» կամ փոշեսահնակներին․․․ Արժե մտածել այդ մասին։ Դևիսը միշտ ջանացել է զվարճալիքներ գտնել Լուսնի վրա և զբոսանքը Ծարավի ծովի վրա նույնպես նրա հղացումն էր։
Նա չգիտեր, թե մի քանի ժամ հետո ինչպիսի տառապանք պետք է պատճառեր իրեն այդ հղացումը։
Գլուխ երկրորդ
Հորիզոնի գիծը, ուր սուրում էր «Սելենը», փոխվեց․ որտեղ անթերի ու հավասար աղեղ էր, ուրվագծվեց լեռների ատամնավոր շղթան։ Թվում էր, թե նրանք դանդաղ դեպի երկինք էին հառնում մի հզոր վերելակով։
― Անմատչելիության լեռները, ― հայտարարեց միսս Ուիլքինզը։ ― Այդպես են կոչվում, որովհետև բոլոր կողմերից շրջապատված են Ծովով։ Եվ բացի այդ, նրանք լուսնային լեռների մեծ մասից շատ ավելի զառիթափ են։
Նա այլևս չծավալվեց այդ թեմայի շուրջը․ չէ՞ որ լուսնային լեռնագագաթներից շատերը հիասթափություն են պատճառում, երբ մոտիկից ես դիտում դրանք։ Երկրից կատարված լուսանկարների վրա երևացող հսկայական խառնարանները, պարզվում է, որ թեթևակի զառիվայր բլուրներ են։ Երեկոյան ու առավոտյան ստվերները խիստ աղավաղում են ռելիեֆը։ Ու լուսնի վրա չկա ոչ մի խառնարան, որի լանջը իրենց թեքությամբ կարողանային համեմատել Սան֊Ֆրանցիսկոյի փողոցների հետ․ դրանք կարելի է հաղթահարել նույնիսկ հեծանիվով։ Սակայն այդ մասին չես կարդա «Լուսնաշրջիկի» գրքույկներում, այնտեղ կգտնես միայն առավել տպավորիչ ժայռերն ու կիրճերը՝ հմտորեն լուսանկարված։
― Այս լեռները դեռևս ինչպես հարկն է չեն հետազոտված, ― շարունակեց միսս Ուիլքինզը։ ― Անցյալ տարի մի խումբ երկրախույզների փոխադրեցինք այնտեղ։ Իջեցրինք հենց այն հրվանդանում, բայց նրանք կարողացան առաջ շարժվել ընդամենը մի քանի կիլոմետր։ Այնտեղ ամեն ինչ կարող է պատահել, մենք պարզապես դեռևս ոչինչ չգիտենք։
«Ապրես, ― մտածեց Պաթը։ ― Լավ գիդ է, գիտի ինչը բացատրել մանրամասնորեն, և ինչը թողնել երևակայության համար․․․»։ Սյուն խոսում էր հանգիստ, անբռնազբոսիկ, որը ոչնչով նման չէր այն տխուր ասերգին, որ գիդերի մեծամասնության մասնագիտական արատն էր։ Եվ նա լավ գիտեր իր նյութը, կարող էր պատասխանել գրեթե ուզածդ հարցին։ Մի խոսքով՝ աչքի ընկնող երիտասարդ մի օրիորդ, ու թեպետ միսս Ուիլքինզը շատ էր դուր գալիս Պաթին, հոգու խորքում նա փոքր֊ինչ վախենում էր նրանից։
Մոտեցող լեռները իրենց էին գամել հմայված ուղևորների հայացքները։ Դեռ էլի խորհրդավոր Լուսնի խորհրդավոր մի անկյունը․․․ Անսովոր ծովի մեջտեղում բարձրանում էր մի կղզի՝ ուշագրավ երևույթ հետազոտողների հաջորդ սերնդի համար։ Հակառակ անվանը, Անմատչելիության լեռներին հասնելը այժմ արդեն դժվար չէր։ Բայց քանի դեռ ուսումնասիրված չեն շրջակա տեղանքի միլիոնավոր քառակուսի կիլոմետրերը, որոնք հարկավոր է յուրացնել առաջին հերթին, նրանք պետք է սպասեն։
Մի փոքր էլ, ու «Սելենը» կմտնի ստվերը․․․ Մինչև ուղևորները կհասցնեին հասկանալ, թե ինչ է կատարվում, Երկիրը թաքնվեց լեռների ետևում։ Նրա լույսից լեռնակատարները արծաթի փայլ էին ստացել, իսկ ներքևում թագավորում էր զարհուրելի մթությունը։
― Ես հիմա կհանգցնեմ ներքին լուսավորությունը, ― ասաց ստուարդուհին։ ― Այն ժամանակ դուք ավելի լավ կտեսնեք։
Ու հենց որ կարմրավուն աղոտ լույսը մարեց, յուրաքանչյուրը իրեն զգաց մեն֊մենակ լուսանյին գիշերային խավարում։ Նույնիսկ լեռնագագաթների փայլը կորավ, երբ փոշեգնացը խորացավ ստվերի մեջ։ Մնացին միայն աստղերը՝ սառը անմար ճրագներ, շրջապատված այնպիսի անթափանց մթությամբ, որից մի տեսակ վատ էիր զգում քեզ։
Աստղասփյուռ երկնքում դժվար էր զանազանել ծանոթ համաստեղությունները։ Մարդու աչքերը շաղվում էին այդ երկնային նախշերից, գլուխը պտտվում էր աստղաբույլերի և միգամածությունների շողշողուն քաոսից։ Բնության այդ փառահեղ շրջապատկերում անսխալ կարելի էր նշմարել միայն Վեներայի պայծառ փարոսը, որը գերազանցում էր երկնային մյուս բոլոր մարմիններին, ավետելով մոտալուտ այգաբացը։
Մի քանի րոպե անցավ, մինչ ուղևորները կնկատեին, որ զարմանահրաշ բաները միայն երկնքում չէին։ Սուրացող փոշեգնացի հետևից ձգվում էր ֆոսֆորափայլ երկար նավահետքը, կարծես կախարդական մի ձեռք լուսավոր ծիր էր քաշել Լուսնի մռայլ ու փոշոտ դեմքին։ «Սելենը» իր հետևից մի գիսավոր պոչ էր քարշ տալիս, ճիշտ այնպես, ինչպես գիշերային նավը Երկրի արևադարձային օվկիանոսներում։
Բայց այստեղ չկային միկրոօրգանիզմներ, և նրանք չէին, որ լուսավորում էին անկենդան ծովը իրենց պստլիկ ճրագներով, այլ լիցքաթափվող փոշեհատիկները, որոնց մեջ սրընթաց «Սելենը» հարուցում էր ստատիկ լիցք։ Շատ պարզ՝ և չտեսնված գեղեցիկ էր․ գիշերային խավարում նավի հետևից շարունակ քարշ էր գալիս փայլուն ժապավենը, ասես Ծիրկաթինն էր արտացոլվել ծովային հարթության վրա։
Հանկարծ հրեղեն շիթը լուծվեց լույսի հեղեղի մեջ․ Պաթը միացրեց լուսարձակը։ Լուսանցույցներից դուրս, վտանգավոր հեռավորության վրա՝ ետ սահեց քարե պատը։ Լեռնալանջն այստեղ գրեթե զառիվեր ցցված էր փոշու ծովի մեջ, և դժվար էր գուշակել բարձր է այն, թե ոչ, որովհետև թանձր խավարի մեջ երևում էր միայն լուսարձակի լուսավորած ձվածիրը։
Կովկասը, Ժայռոտ լեռները և Ալպերը գաճաճներ են այս լեռների մոտ։ Երկրի վրա էրոզիան մաշում է լեռնաշղթաները նրանց ծագման առաջին իսկ օրից, մի քանի միլիոն տարի շարունակ՝ և երբեմնի վիթխարի զանգվածներից մնում է նրանց ստվերը։ Իսկ Լուսնի վրա ո՛չ անձրևներ կան, ո՛չ քամիներ։ Ոչինչ չի քայքայում ժայռերը, եթե չհաշվենք գիշերային սառնամանիքը, որից նույնիսկ քարերն են ճաքում, անասելի դանդաղությամբ անջատելով մանրագույն փոշեհատիկներ։ Լուսնային լեռները նույնքան հին են, որքան նրանց ծնունդ տված աշխարհը․․․
Պաթը հպարտանում էր Լուսինը «ցույց տալու» իր ունակությամբ։ Նա առանձնապես ջանադրաբար էր պատրաստել հաջորդ համարը։ Առաջին հայացքից շատ վտանգավոր, իսկ իրականում միանգամայն անվտանգ․ չէ՞ որ «Սելենը» տասնյակ անգամներ անցել է այստեղով, և կառավարման սիստեմի էլեկտրոնային հիշողությունը ճանապարհը գիտեր ամեն մի շտուրմանից ավելի լավ։ Նա հանկարծակի մարեց լուսարձակը, և ուղևորները տեսան, որ մթության հովանու տակ մյուս կողմից նույնպես լեռները ընդհուպ մոտեցել են նավին։
Գրեթե անթափանց խավարի մեջ «Սելենը» սլանում էր նեղ կիրճով, սլանում էր ոչ ուղիղ, այլ շարունակ խուսանավելով անտեսանելի խոչընդոտների միջև։ Անկեղծ ասած, խոչընդոտներ ընդհանրապես չկային․ ցերեկը, Պաթը նվազագույն արագությամբ երթուղին այնպես էր ծրագրել, որպեսզի գիշերը վախից մարդու շունչ կտրվի։ Նրա թիկունքնում լսվող վախի և հիացմունքի ճիչերը վկայում էին, որ ատրակցիոնը հաջողվել է։
Հեռու գլխավերևում այժմ տեսանելի էր աստղառատ երկընքի միայն մի նեղլիկ շերտը․ նա գալարվում էր կատաղի կերպով, կրկնելով փոշեգնացի հնարամիտ վազքը։ Մրցավազքը «գիշերային արահետով», ինչպես Պաթն էր կոչում այդ երթուղին, ընդամենը մի հինգ րոպե տևեց, որոնք սակայն ժամեր թվացին։ Եվ, երբ նավապետը նորից միացրեց լուսարձակը և «Սելենը հայտնվեց լուսե հսկա շրջանակի մեջտեղում, ուղևորների բերանից դուրս թռավ մի հառաչանք՝ խառնված հիասթափության հետ։ Այո, երկար կհիշեն նրանք «գիշերային արահետը»․․․
Լուսարձակի լույսով երևում էր, որ պատերը աստիճանաբար բաժանվում են, և ահա կիրճը փոխարինեց համարյա ձվաձև մի ամֆիթատրոնով՝ մոտ երեք կիլոմետր լայնությամբ․ հրաբխի սիրտն էր, որ պայթել էր անհիշելի ժամանակներում, երբ նույնիսկ հինավուրց Լուսինը երիտասարդ էր։
Լուսնային չափանիշներով այդ խառնարանը շատ փոքր էր, բայց խիստ ուշագրավ։ Ամենագո փոշին հազարամյակներ շարունակ կիրճով հոսել էր այնտեղ, ու երկրային զբոսաշրջիկները կարող էին հաճելի ճանապարհորդություն կատարել այն կաթսայում, ուր մի ժամանակ մոլեգնել է դժոխային կրակը։ Այդ կյանքը հանգել է երկրային կյանքի սկզբնավորումից շատ առաջ ու երբեք այլևս չի բոցավառվի։ Բայց Լուսնի վրա կային այլ ուժեր՝ նրանք քնած չէին և սպասում էին միայն պատեհ ժամին․․․
Երբ «Սելենը» պտույտ գործելով դանդաղ շարժվում էր ժայռերի երկայնքով, մի քանի ուղևորներ ակամա մտաբերեցին զբոսանքը Երկրի լեռնային լճի վրա։ Նույն հուշիկ լռությունը, ջրի անտակ խորության միևնույն զգացումը։ Երկրի վրա շատ են խառնարանային լճերը․ Լուսնի վրա միայն մեկն է, թեև այստեղ խառնարանները անհամեմատ ավելի շատ են։
Պաթը չէր շտապում, երկու լրիվ շրջան կատարեց։ Այժմ լճով հիանալու իսկական ժամանակն է։ Ցերեկը, կուրացնող արևի ճառագայթների տակ, տպավորությունը այն չէր, իսկ հիմա ասես Էդգար Պոյի բորբոքված ֆանտազիայի ծնունդը լիներ։ Այնտեղ, ուր վերջանում էր լույսի զոլը, մարդու աչքերի առջև պատկերվում էին շարժվող տարօրինակ կերպարանքներ։ Անշուշտ, դա երևակայություն էր․ այս կողմերում ոչինչ չի կարող շարժվել Արևից ու Երկրից առաջացած ստվերներից բացի։ Տեսիլքներ չեն կարող լինել մի աշխարհում, ուր երբեք կայնք չի եղել։
Բայց արդեն ժամանակն է ետ դառնալ, կիրճով դուրս գալ բաց ծով։ Պաթը «Սելենի» բութ քիթը ուղղեց դեպի լեռնային նեղ դարպասները, և բարձր զառիթափերը նորից շրջապատեցին նավը։ Նավապետը այժմ չէր հանգցնում լուսարձակները՝ թողնելով, որ ուղևորները տեսնեն ճանապարհը։ Բացի այդ, ատրակցիոնը երկրորդ անգամ նույնքան ուժեղ տպավորություն չի գործի։
Հեռու առջևում երևաց լույսը, որ թեթևակի լուսավորում էր ժայռերն ու ապառաժները։ Նույնիսկ վերջին քառորդում Երկիրը տասնյակ լիալուսիններից ավելի պայծառ է, և հենց որ փոշեգնացը դուրս պրծավ լեռների ստվերից, նորից երևաց Երկրի գեղափայլ կիսալուսինը։ «Սելենի» քսաներկու ուղևորները զմայլված նայում էին գողտրիկ ու վառ կապտա֊կանաչավուն կիսաշրջանակին։ Զարմանալի է, երբ դիտում ես հեռվից․ հարազատ դաշտերը, լճերը, անտառները մի առանձին դյութական շողով են փայլում․․․ Թերևս, խոր խորհուրդ կա դրա մեջ․ քո սեփական աշխարհը գնահատելու համար այն պետք է տեսնես տիեզերքից․․․
Հապա ինչքա՞ն աչք է նայում հիմա Երկրից նորացող Լուսնին, այդ հավերժ ուղեկցին, որը ինչպես երբեք, այժմ կարևոր է մարդկանց համար։ Եվ բացառված չէ, որ այս պահիս որևէ մեկը հզոր հեռադիտակով ուշադրությամբ զննում է լուսնային գիշերում սահող «Սելենի» հազիվ նկատելի կայծիկը։ Իսկ երբ կայծիկը մարի, նրա անհետացումը ոչինչ չի ասի երկրային դիտորդին։
Լեռների ստորոտում, խոր ընդերքում միլիոնավոր տարիներ, ինչպես մի հսկայական ուռուցք, աճել է այս պղպջակը։ Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, դեռևս կենդանի լուսնային ընդերքից ճեղքերի միջով հոսել է գազը և կուտակվել դատարկություններում, մակերևույթին չհասած։ Երկրի վրա միմյանց փոխարինել են սառցային շրջանները, իսկ այստեղ դատարկությունները տարածվել են լայնակի ու դեպի վեր, միախառնվել։ Ու հասել է ուռուցքը պայթելու ժամանակը։
Նավապետ Հարրիսը միացրել էր ինքնակառավարումն ու խոսում էր ուղևորների հետ, երբ առաջին հարվածը ցնցեց նավը։ «Ըստ երևույթին, պտուտակը դիպավ մի բանի, ― հասցրեց մտածել նա։ Հաջորդ վայրկյանին կարծես հողը տառացիորեն կորավ նրա ոտքի տակից։
Դա տեղի ունեցավ դանդաղ, ― Լուսնի վրա ամեն ինչ ընկնում է դանդաղ։ «Սելենի» առջևում, մի քանի ակր հարթ տարածության վրա, բարձրացավ մի թումբ, ու ծովը կենդանացավ, ճոճվեց այն ուժերի ներգործությունից, որոնք նրան արթնացրին հազարամյա քնից։ Թմբի մեջտեղը մի ձագար բացվեց՝ ասես փոշու զանգվածի մեջ հսկայական հորձանուտ առաջացավ։ Եվ այդ մղձավանջի ամեն մի մանրամասնություն պարզ երևում էր Երկրի լույսի տակ, մինչև խառնարանը խորացավ այնքան, որ նրա դիմացի պատը կորավ թանձր խավարի մեջ։ Թվում էր, թե «Սելենը» ուր որ է կմխրճվի սև մահիկի մեջ ու ջարդուփշուր կլինի։
Իրականում վիճակը փոքր֊ինչ լավ էր։ Երբ Պաթը սթափվելով կառչեց ղեկալծակներից, նավն արդեն սայթաքում ու ցած էր սահում նենգ զառիվայով։ Սեփական իներցիան ու փոշու արագացող հեղեղը նրան քշում֊տանում էին հորձանուտը։ Մնում էր միայն ամեն կերպ պահպանել «Սելենի» հավասարակշռությունը և հուսալ, որ նա ընթացքից դուրս կթռչի հակառակ լանջով դեպի վեր՝ մինչ խառնարանի հատակը կհասցնի փլվել։
Գուցև ուղևորները ճչացին՝ Պաթը ոչինչ չէր լսել։ Նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր այդ չարաբաստիկ լանջի վրա, և նա մտահոգված էր այն բանով, որ ամեն կերպ թույլ չտար, որպեսզի նավը շուռ գար։ Եվ ապա, մինչ նա տենդագին մանևրում էր, ուժեղացնելով մերթ մեկ, մերթ մյուս շարժիչը, նրան հետապնդում էր մի անորոշ հուշ․․․ Ինչ֊որ տեղ, ինչ֊որ մի ժամանակ նա արդեն տեսել էր մի այդպիսի աղետ։
Անշուշտ, հիմար բան է, բայց ինչո՞ւ նա չի կարողանում խուսափել այդ մտքից․․․ Եվ սոսկ այն ժամանակ, երբ Պաթը հայտնվեց հատակում ու տեսավ փոշու անվերջանալի հեղեղը, որը սկիզբ էր առնում աստղերով ծանրաբեռնված ձագարի բերանից, վայրկենապես նա մտաբերեց։
․․․ Ամառային օր է, նա՝ փոքրիկ մի տղա, խաղում է տաք ավազների մեջ։ Նկատեց ուղիղ պատերով մի փոս, նրա հատակում ինչ֊որ բան էր շարժվում՝ թաղված ավազի մեջ, ու միայն դունչն էր դուրս ցցված։ Այս ի՞նչ է։ Տղան նայում ու սպասում էր, կարծես կռահելով, որ շուտով այդ փոքրիկ բեմի վրա կսկսվի մի դրամա։ Որտեղից֊որտեղ մի մրջյուն երևաց փոսիկի եզրին, սայթաքեց, ու գլորվեց ցած․․․
Իհարկե, մրջյունը հեշտությամբ կհաղթահարեր վերելքը, բայց հազիվ էին առաջին ավազահատիկները գլորվել փոսիկի հատակը, երբ չարամիտ հրեշը դուրս եկավ թաքստոցից։ Նա ավազի մի շատրվան տեղաց զոհի վրա, ու մրջյունը ավազի հեղեղի հետ ընկավ խառնարանը։
Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես «Սելենը» այժմ․․․ Անշուշտ, Լուսնի մակերևույթի վրա միջնառյուծը չէր, որ փոս էր փորել, բայց Պաթը իրեն նույնքան անօգնական էր զգում, որքան այն մրջյունը։ Նա ինքն էլ էր մագլցում դեպի վեր, դեպի փրկարար եզրը, մարտնչելով ավազի հեղեղի դեմ, որը նրան տանում էր մահվանն ընդառաջ։ Մրջյունին սպասում էր շուտափույթ մահ, Պաթին և նրա ուղեկիցներին՝ դանդաղ հարատև։
Գործի դնելով ողջ հզորությունը, մոտորները առաջ էին մղում նավը, սակայն չափազանց դանդաղ։ Փոշու հորձանքը թափ էր առնում և, որ ամենասարսափելին էր, «Սելենը» խրվում էր փոշու մեջ։ Ահա այն հասավ լուսանցույցներին․․․ Բա՜րձր․․․ Է՛լ ավելի բարձր․․․ բոլորովին ծածկեց նրանց։ Այն նույն պահին, երբ Պատը հանգցրեց մոտորները, որպեսզի չայրվեն ուժից ու ծանրաբեռնումից, փոշին ծածկեց փոքրացող Երկրի վերջին ցոլքը։ Խավարով ու լռությամբ պարուրված՝ նրանք խորասուզվում էին Լուսնի ընդերքը։
Գլուխ երրորդ
Ըրթսայդ֊Հյուսիսի դիսպետչերական ռադիոպուլտի վրա էլեկտրոնային հիշողության հատվածներից մեկը անհանգիստ դզզում էր։ Գրինվիչի ժամանակով քսանն անց էր մեկ վայրկյան, իմպուլսների այն շարքը, որ ժամը մեկ ավտոմատ կերպով պետք է ստացվեր պուլտի վրա՝ կորավ։
Մարդու բանականության համար անմատչելի արագությամբ մի բուռ բջջիկներ ու միկրոսկոպիկ ռելեներ «թերթեցին» իրենց հրահանգները։ «Սպասել հինգ վայրկյան, ― ասում էր կրճատագիր հրամանը։ ― Եթե ոչինչ չփոխվի, միացնել 10011001 շղթան»։
Էլեկտրոնային դիսպետչերի փոքրիկ հատվածը ամենայն համբերատարությամբ սպասեց այդ հսկայական ժամանակամիջոցը, որի ընթացքում կարելի էր բազմապատկել հարյուր միլիոն քսանանիշ թվեր կամ արտատպել ԱՄՆ֊ի կոնգրեսի գրադարանի գրեթե բոլոր գրքերի բովանդակությունը։ Ապա միացրեց 10011001 շղթան։
Լուսնի վրա տեղադրված՝ դեպի Երկրի սկավառակն ուղղված բարձր անտենայից տիեզերք թռավ ռադիոիմպուլսը։ Մեկվեցերորդական վայրկյանում նա անցավ հիսուն հազար կիլոմետր՝ մինչև «Լագրանժ֊2» կապի արբանյակը, որն ասես կախված էր Լուսնի ու Երկրի միջև։ Եվս մեկվեցերորդ վայրկյան, և բազմակի ուժեղացած իմպուլսը վերադարձավ, էլեկտրոնների հեղեղ տեղալով Ըրթսայդի (այսպես էին Լուսնի վրա կոչում Երկրից տեսանելի կողմը, հակառակը՝ կոչվում էր Ֆարսայդ) հյուսիսային կիսագնդի վրա։
Եթե մարդկային խոսքի վերածենք, նա բերեց մի շատ պարզ հաղորդում․ «Ալլո, Սելեն, չեմ լսում ձեր ազդանշանը։ Խնդրում եմ իսկույն պատասխանել»։
Դիսպետչերը հինգ վայրկյան ևս սպասեց, ապա վերստին իմպուլս ուղարկեց։ Ու մեկ անգամ ևս։ Էլեկտրոնային աշխարհում երկրաբանական դարաշրջաններ էին անցնում, բայց մեքենայի համբերությունը անսահման էր։
Դիսպետչերը նորից դիմեց հրահանգներին։ Հետևեց նոր հրաման․ «Միացնել 10101010 շղթան»։ Մեքենան ենթարկվեց․ և դիսպետչերականում կանաչ լամպերից մեկը փոխարինվեց կարմիրով, միաժամանակ զումմերը սկսեց տագնապալի ազդանշանով սղոցել օդը։ Եվ այժմ միայն՝ մարդիկ նույնպես իմացան, որ Լուսնի վրա մի ինչ֊որ տեղ աղետ է պատահել։ Սկզբում նորությունը տարածվում էր դանդաղ․ գլխավոր ադմինիստրատորը հավանություն չէր տալիս անհիմն խուճապին։ Է՛լ ավելի հավանություն չէր տալիս «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետ Դևիսը․ վթարներն ու տագնապները միայն փչացնում են գործը, եթե նույնիսկ (ինչպես լինում է տասից ինը դեպքում) պարզվի, որ հանցավորը այրված ապահովիչները, անսարքին անջատիչները կամ չափից դուրս զգայուն ազդանշաններն են։ Բայց Լուսնի վրա պետք էր միշտ զգույշ լինել։ Ավելի լավ է արձագանքել երևակայական վտանգին, քան ձեռքից բաց թողնել իսկականը։
Վերջապես Դևիսը դժկամորեն ընդունեց, որ այս անգամ վտանգը երևակայական չէ։ Առաջներում նույնպես պատահել է, որ Սելեինի ավտոմատ փարոսը չի աշխատել, սակայն Պաթ Հարրիսը պատասխանել է, երբ նրան կանչել են փոշեգնացի ալիքով։ Իսկ հիմա նավը լուռ է։ «Սելենը» պատասխան չտվեց նույնիսկ վթարային ալիքով, որից օգտվում էին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Իմանալով այդ մասին, Դևիսը շտապ թողեց «Լուսնաշրջիկի» աշտարակը և ծածկված անցուղիներով մտավ Կլավի։
Դիսպետչերական մուտքի մոտ նա հանդիպեց գլխավոր ինժեներ Լոուրենսին։ Սա վատ նշան է․ ուրեմն մեկն ու մեկը ենթադրում է, որ փրկարար գործողության հարկ կլինի։ Նրանք շփոթված նայեցին մեկ֊մեկու, մտածելով միևնույն բանի մասին։
― Հուսով եմ, որ իմ օգնությունը ձեզ հարկավոր չի, ― ասաց Լոուրենսը։ ― Ի՞նչ է պատահել։ Ես միայն գիտեմ, որ հեռականչ է ուղարկվել վթարային ալիքով։ Ո՞ր տիեզերանավն է։
― Տիեզերանավ չի․․․ չի պատասխանում «Սելենը», նա Ծարավի ծովում է։
― Ծարավի ծովո՞ւմ։ Եթե նրա հետ մի որևէ բան է պատահել, մենք կարող ենք տեղ հասնել միայն փոշեսահնակներով։ Քանի անգամ եմ ասել․ մինչ զբոսաշրջիկներ տանելը, պետք է գործի գցել երկրորդ փոշեգնացը։
― Ես նույն բանն եմ ասել, բայց ֆինանսական վարչությունը վետո դրեց։ Որպես թե, երկրորդը չի լինի, քանի դեռ «Սելենը» չի ապացուցի, որ կարող է շահույթ բերել։
― Չլինի թե հանկարծ դրա փոխարեն նյութ տա թերթերին, ― մռայլ պատասխանեց Լոուրենսը։ ― Ձեզ հայտնի է իմ վերաբերմունքը Լուսնային տուրիզմին։
Դևիսը գիտեր, հիանալի գիտեր․ նրանք վաղուց էին գզում միմյանց այդ առթիվ։ Բայց առաջին անգամը լինելով, նրա գլխում միտք ծագեց, որ գլխավոր ինժեները թերևս այնքան էլ չի սխալվում։
Ինչպես միշտ, դիսպետչերականում խաղաղ էր։ Պատին կախված մեծ քարտեզների վրա մերթ վառվում, մերթ հանգչում էին կանաչ ու դեղին լույսերը՝ շատ սովորական ու քիչ նկատելի տագնապող կարմիր ազդանշանի կողքին։ «Օդ», «Էներգետիկա», «Ճառագայթում» պուլտերի մոտ, պահապան հրեշտակների նման, նստած էին հերթապահ ինժեներները, որոնք պատասխանատու էին անվտանգության համար Լուսնի մեկ քառորդում։
― Ոչ մի նորություն, ― զեկուցեց ՎՓ (վերերկրյա փոխադրականի) գծով հերթապահը։ ― Մենք դեռևս բոլորովին անտեղյակ ենք։ Գիտենք միայն, որ Ծովում մի ինչ֊որ տեղ են։ ― Նա շրջան գծեց խոշոր մասշտաբանոց քարտեզի վրա։ ― Եթե անհուսալիորեն չեն շեղվել ուղղությունից, պետք է այս շրջանում ինչ֊որ տեղ լինեն։ Ստուգման ժամանակ 19.00֊ին նավը իր երթուղում էր, շեղումը մեկ կլիոմետրից չէր անցնում։ 20.00֊ին ազդանշան չստացվեց։ Ուրեմն, վթարը պատահել է այդ վաթսուն րոպեի ընթացքում։
― Ի՞նչ տարածութուն կարող է կտրել Սելենը մեկ ժամում, ― հարցրեց ինչ֊որ մեկը։
― Առավելագույն արագությունը՝ հարյուր քսան կիլոմետր է, ― պատասխանեց Դևիսը։ ― Բայց սովորաբար հարյուրից պակաս է գնում։ Զբոսանք է, ինչու շտապել․․․
Նա սևեռուն հայացքով նայում էր քարտեզին, կարծես ուզում էր պատասխան պոկել նրանից։
― Եթե նրանք ծովում են, շատ չի տևի նրանց գտնելը։ Արդեն ուղարկե՞լ եք փոշեսահնակները։
― Ո՛չ, ես կարգադրության էի սպասում։
Դևիսը մի հայացք նետեց գլխավոր ինժեների վրա, որը Լուսնի այս կողմում ադմինիստրատոր Ուլսենից հետո երեց իշխանավորն էր։ Լոուրենսը մի թեթև գլխով արեց։
― Ուղարկեցե՛ք, ― ասաց նա։ ― Բայց հույս չունենաք, որ պատասխանը շուտ կգա։ Քիչ ժամանակ չի պահանջվի մի քանի հազար քառակուսի կիլոմետրը հետազոտելու համար, մանավանդ գիշերը։ Հրամայեցեք, որպեսզի նրանք գնան երթուղու երկայնքով, սկսած վերջի հայտնի վայրից։ Եվ թող, որքան հնարավոր է, լայն գոտի ընդգրկեն։
― Կարգադրությունը հաղորդելուն պես, Դևիսը տագնապահար հարցեց․
― Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է պատահած լինել։
― Շատ կարծիքներ չեն կարող լինել։ Դատելով այն հանգամանքից, որ նրանք չեն հասցրել ոչինչ հայտնել, վթարը եղել է անսպասելի։ Ուրեմն, ամենայն հավանականությամբ՝ պայթյուն։
Դևիսը գույնը գցեց։ Դիվերսանտների հավանականությունը բացառված չի, և չգիտես, թե ինչ կարելի է անել։ Տիեզերական փոխադրամիջոցները անխոցելի չեն, այդ պատճառով էլ նրանք, ինչպես նախկինում ինքնաթիռները, անզուսպ կերպով հրապուրում են որոշ հանցագործների։ Նա հիշեց «Արգո» տիեզերանավը՝ թռչում էր Վեներա, ու ոչնչացվեց մի ոմն մանյակի կողմից, որ մտադրվել էր հաշիվ մաքրել ուղևորներից մեկի հետ, որը նրան չգիտեր էլ կարգին։ Երկու հարյուր հոգի զոհվեց, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։
― Կարող է նաև ընդհարում լինել, ― շարունակեց գլխավոր ինժեները։ ― Նավը կարող էր հանկարծ մի բանի դիպչել։
― Հարրիսը շատ զգույշ նավապետ է, ― առարկեց Դևիսը։ ― Նա տասնյակ անգամ գնացել է այդ երթուղով։
― Ոչ ոք զերծ չէ սխալներից․․․ Երկրի լույսով հեշտությամբ կարելի է վրիպել հեռավորությունը որոշելիս։
Դևիսը արդեն չէր լսում նրան, նա մտածում էր, թե ինչ պետք է ձեռնարկի, եթե գործը բոլորովին վատանա։ Հարկավոր է, առանց հապաղելու՝ դիմել իրավաբաններին, պարզել վնասները հատուցելու հարցը։ Բավական է, որպեսզի ազգականներից որևէ մեկը «Լուսնաշրջիկի» գրասենյաին մի քանի միլիոնի հայց հարուցի, և եկող տարում ոչ մի ռեկլամ չի կարող հրապուրել զբոսաշրջիկներին, եթե նույնիսկ Դևիսը շահի դատը։
ՎՓ֊ի հերթապահը ջղաձգորեն հազաց․
― Թույլ տվեք առաջարկություն անել, ― դիմեց նա գլխավոր ինժեներին։ ― Եկեք հարցում անենք «Լագրանժին»։ Գուցե, աստղագետները որևէ բա՞ն նկատեն վերևից։
― Գիշե՞րը, ―թերահավատորեն հարցրեց Դևիսը։ ― Հիսուն հազար կիլոմետրի վրա՞։
― Նույնիսկ շատ հեշտությամբ, եթե «Սելենի լուսարձակները դեռևս վառվում են։ Թող փորձեն։
― Հիանալի միտք է, ― ասաց գլխավոր ինժեները։ ― Անհապաղ կապվե՛ք։
Նա ինքը պետք է մտածեր այդ մասին։ Միգուցե, էլի՞ ինչ֊որ բան բաց է թողել․․․ Առաջին անգամը չէր, որ Լոուրենսը մենամարտի էր բռնվում այդ հրաշալի ու քմահաճ աշխարհի հետ, այնքան հուզիչ իր բարի ժամանակ ու այնքան ահարկու բուռն ցասման միջոցին։ Լուսինը՝ Երկիր չէ, նա երբեք չի ընտելանա։ Եվ դա, թերևս լավ է․ չէ՞ որ հենց նրա վայրի բնության կանչն ու մշտական ռիսկի հանգամանքն է, որ հրապուրում է այստեղ և՛ զբոսաշրջիկներին, և՛ հետազոտողներին։ Իհարկե, առանց զբոսաշրջիկների ավելի հանգիստ կլիներ։ Բայց եթե նրանք չլինեին, իր աշխատավարձը քիչ կլիներ։
Իսկ այժմ ճանապարհ ընկնելու ժամանակն է։ Հարկավ, գործը դեռևս կարող է բարեհաջող վերջավորություն ունենալ։ «Սելենը» կհայտնվի, նույնիսկ չտարակուսելով, թե ինչ իրարանցում է առաջ բերել։ Բայց Լոուրենսը չգիտես ինչու կասկածում էր դրանում, և գնալով նրա անհանգստությունն աճում էր։ Եվս մեկ ժամ կարելի է սպասել, ապա նա տեղական հաղորդակցության մերձուղեծրային հրթիռով կմեկնի Պորտ֊Ռորիս, իսկ այնտեղից՝ դեպի իրեն սպասող թշնամի, Ծարավի ծովը․․․
Երբ «Լագրանժի» վրա սկսեց առկայծել տագնապի կարմիր ազդանշանը, փիլիսոփայության դոկտոր Թոմաս Լոուսոնը պինդ քնած էր։ Արթնանալով, նա մի պահ ջղայնացավ․ թեև անկշռելիության պայմաններում օրվա մեջ երկու ժամ քնելն էլ բավական է, ցավալի է, որ դրանից էլ են զրկում։ Բայց ահա ռադիոգրի իմաստը հասավ նրան, և քունը միանգամից փախավ։ Կարծես, վերջապես առիթ է ներկայացել ինչ֊որ օգտակար բան անել։
Թոմ Լոուսոնը իրեն շատ վատ էր զգում «Լագրանժ-2-ի» վրա։ Նա երազում էր գիտական աշխատանքի մասին, իսկ այստեղ պարզապես չի կարելի կենտրոնանալ։ Լուսնի և Երկրի միջև տիեզերական լարախաղացի նման (ձգողության օրենքի էֆեկտներից մեկը) արբանյակը տիեզերագնացների համար մի տեսակ բանբեր էր ծառայում։ Թռչելով նրա մոտով, տիեզերանավերը նրանով ստուգում էին իրենց տեղը, այն օգտագործում էին որպես կապի հանգույց, միայն թե չէին մոտենում նամակներ վերցնելու․․․ «Լագրանժը» նաև ռելեական կայան էր լուսնային ռադիոկապի գրեթե բոլոր կանալների համար, չէ որ նրա տակ տարածվում էր Երկրից տեսանելի կողմը։
Հարյուր սանտիմետրանոց հեռադիտակը նախատեսված էր Լուսնից միլիարդավոր անգամ հեռու գտնվող երկնային մարմինները դիտելու համար, բայց նա շատ հարմար էր այն խնդրի համար, որ այժմ ստացել էր Լոուսոնը։ Այդպիսի մոտիկ տարածության վրա տեսանելիությունը հիանալի էր նույնիսկ ամենափոքր խոշորացման դեպքում։ Թոմը կախված էր ճիշտ Անձրևների ծովի վրա, դիտելով առավոտյան արևով լուսավորված Ապենինների սուր գագաթները։ Նա վատ գիտեր Լուսնի աշխարհագրությունը, սակայն առանց դժվարության կարողանում էր տարբերել Արքիմեդի ու Պլատոնի, Արիստոտելի ու Եվդոկսի հսկա խառնարանները, Ալպիական հարթավայրի սև սպին, Պիկոյի միայնակ բուրգը, որից սկիզբ էր առնում մի երկար ստվեր։
Բայց ցերեկային մասը հիմա չէր հետաքրքրում Լոուսոնին։ Նրա փնտրած առարկան գտնվում էր խավարով պատած կիսագնդում, որտեղ դեռևս արևը չէր ծագել։ Ու դա ինչ֊որ բանով նույնիսկ հեշտացնում էր նրա խնդիրը․ կարելի կլինի հեշտությամբ հայտնաբերել ազդանշանային բռնկումը՝ նույնսիկ գրպանի լապտերի լույսը։ Նա քարտեզով ստուգեց կոորդինատներն ու սեղմեց հեռադիտակի կառավաման կոճակները։ Այգաբացից բոցավառված լեռները մի կողմ գնացին, տեղը զիջելով լուսնային գիշերվա թանձր խավարին, որը հենց նոր էր կլանել մի երկտասնյակ մարդ․․․
Սկզբում Լոուսոնը ոչինչ չտեսավ, ու, համենայն դեպս, ոչինչ՝ նման առկայծող լապտերին, որն իր կանչը հղեր առ աստղեր։ Ապա, երբ աչքերը սովորեցին, նա նկատեց, որ ներքևում թագավորող խավարը համատարած չէ։ Երկրով լուսավորված լուսնային մակերևույթը հազիվ տեսանելի մի շող էր արձակում։ Եվ որքան երկար էր նայում նա, այնքան ավելի մանրամասներ էր ջոկում։
Ահա Ծիածանի ծովախորշից արևելք ընկած լեռները սպասում են մոտեցող այգաբացը․․․ Իսկ ահա, սպասիր, այն ի՞նչ աստղ է այնտեղ, մթության մեջ։ Բայց այն է հա ծնվող հույսը անմիջապես կորավ․ Թոմի տեսածը ընդամենը Պորտ֊Ռորիսի լույսերն էին, որտեղ այդ նույն պահին այնպիսի անհամբերությամբ սպասում էին, թե ինչ կասի ինքը։
Մի քանի րոպե ևս՝ ու նա հասկացավ․ տեսողական զննումը ոչինչ չի տա։ Այլ բան է ցերեկը՝ նա անմիջապես կհայտնաբերեր «Սելենը» այն երկար ստվերով, որ նա կգցեր Ծովի վրա։ Իսկ հիմա, երբ Լուսինը լուսավորված է միայն Երկրի թույլ լույսով, մարդկային աչքը այնքան զգայուն չէ, որպեսզի հիսուն հազար կիլոմետր բարձրությունից նշմարի ավտոբուսից ոչ մեծ առարկան։
Այնուամենայնիվ, Թոմը չհուսահատվեց։ Նա չէր էլ սպասում, թե առաջին իսկ փորձից կգտնի նավը։ Մեկ ու կես դար է անցել այն ժամանակներից, երբ աստղաբաշխների միակ հույսը իրենց աչքերն էին։ Այժմ նրանք ունեն շատ ավելի նուրբ սարքեր՝ լույսը ուժեղացնող ու ճառագայթումը հայտնաբերող մի ամբողջ շարք գործիքներ։ Լոուսոնը չէր տարակուսում, որ այդ սարքերից մեկը կհայտնաբերի «Սելենը»։
Նա այդքան վստահ չէր լինի, եթե իմանար, որ «Սելենը» Լուսնի մակերևույթի վրա չէ․․․
Գլուխ չորրորդ
«Սելենը» արդեն կանգ էր առել, իսկ շվարած ուղևորները դեռևս նստած էին լուռ։ Նավապետ Հարրիսը առաջինը ուշքի եկավ՝ նա այդ բոլորից միակն էր, որ գլխի ընկավ, թե ինչ է կատարվել։
Պարզ է․ ստորերկրյա դատարկություն։ Նրանք այստեղ հազվադեպ չեն, թեպետ մինչ այժմ դրանցից չեն հայտնաբերվել Ծարավի ծովի տակ։ Ինչ որ բան փլվել է Լուսնի ընդերքում։ Եվ միանգամայն հնարավոր է, որ «Սելենի» ծանրությունը, որքան էլ այն փոքր է, վերջին կաթիլը եղավ։ Պաթը ծանրորեն վեր կացավ տեղից, հարցնելով ինքն իրեն, թե ինչ և ինչպես ասել ուղևորներին։ Այս դեպքում արդեն չես կարող այնպես ձևանալ, թե իբր ամեն ինչ կարգին է և հինգ րոպե անց նավը կշարունակի իր ճանապարհը։ Ինչ խոսք, վաղ թե ուշ, պետք է հայտնել ճշմարտությունը, բայց հիմա գլխավորը նրանց հանգստացնելն է։
Նա որսաց միսս Ուիլքինզի հայացքը։ Գունատ, բայց զգաստ, նա կանգնած էր խցիկի ետնամասում, լարված ու սպասող ուղևորների թիկունքում։ Պաթ Հարրիսը գիտեր, որ կարող է հույսը դնել նրա վրա և քաջալերիչ ժպտաց նրան։
― Կարծես, մեր բախտը չբերեց, ― անկաշկանդ սկսեց խոսել նա։ ― Եղածը մի փոքր վթար է, ինչպես դուք ինքներդ հավանաբար, նկատեցիք։ Ավելի վատ կարող էր լինել։
«Օրինա՞կ, ― մտովի հարցրեց նա իրեն։ ― Դե, ասենք, ճեղքվածք նավիրանի վրա․․․ Քո կարծիքով, ավելի լավ է հոգևարգը երկարաձգե՞լ»։ Մեծ ջանք գործադրելով՝ Պաթը ընդհատեց ներքին մենախոսությունը։
― Տեղի է ունեցել փլուզում՝ լուսնաշարժ, եթե ուզում եք։ Տագնապահար լինելու կարիք չկա։ Եթե նույնիսկ մենք էլ չկարողանանք դուրս պրծնել, Պորտ֊Ռորիսը անհապաղ մեզ օգնության կհասնի։ Իսկ առայժմ․․․ միսս Ուիլքինզը հենց պատրաստվում էր բաժանել խորտիկները։ Այսպես ուրեմն, հանգստացեք, իսկ ես այդ ժամանակամիջոցում միջոցներ կձեռնարկեմ։
Կարծես, ամեն ինչ լավ անցավ։ Պաթը մտովի թեթև շունչ քաշեց ու դարձավ դեպի ղեկավարման պուլտը, բայց հենց նույն պահին նկատեց, որ ուղևորներից մեկը ծխում է։
Ակամա արարք․․․ Ինքը նույնպես դեմ չէր ծխելուն։ Որպեսզի չփչացնի նոր իսկ արտասանած իր փոքրիկ ճառի տպավորությունը, Պաթը ոչինչ չասաց։ Սակայն նրա հայացքը ամեն ինչ ասաց ուղևորին։ Սիգարեթը հանգցվեց անմիջապես, մինչ նավապետը կհասցներ տեղավորվել իր բազմոցում։
Նա միացրեց իր ընդունիչը, բայց մինչ այդ նրա թիկունքում սկիզբ էր առել աշխույժ խոսակցություն։ Երբ միաժամանակ խոսում են մի քանի հոգի, նույնիսկ չլսելով առանձին խոսքերը, կարող ես որոշել նրանց տրամադրությունը։ Պաթ Հարրիսը ընկալեց դժգոհություն, հուզմունք, նույնիսկ զվարճություն, բայց երկյուղ դեռևս չէր նկատվում։ Թերևս, խոսակիցները լիակատար պատկերացում չունեին, թե որքան լուրջ էր վտանգը։ Իսկ ովքեր հասկացել էին, լուռ էին։
Լռում էր նաև եթերը։ Պաթը փորձեց բոլոր ալիքները, բայց լսելի էր միայն թույլ շրշյուն՝ փոշու զանգվածում պահպանված լիցքերի պարպումն էր։ Զարմանալի ոչինչ չկա․ այդ անիծված նյութը շատ մետաղ է պարունակում ու ստեղծում է գրեթե իդեալական մի էկրան։ Այն չի անցկացնի ո՛չ ռադիոալիքներ, ո՛չ հնչյուններ․ փորձել մի որևէ բան հաղորդել այստեղից՝ միևնույն է, թե բղավես փետուրով լի ջրհորի հատակում կանգնած։
Պաթը փարոսին միացրեց վթարային հաճախականության մի հզոր հեղեղ, որպեսզի նա ավտոմատ կերպով աղետի ազդանշաններ ուղարկի։ Եթե հաջողվի էլ մի որևէ բան դուրս հաղորդել, միայն այս ալիքով։ Պորտ֊Ռորիսին կանչելը օգուտ չունի և, բացի այդ, նրա ապարդյուն փորձերը կարող են սոսկ տագնապ ազդել ուղևորներին։ Նա ընդունիչը թողեց միացված «Սելենի» բանուկ ալիքի վրա՝ ո՞վ գիտի, հանկարծ մեկն ու մեկը պատասխանի։ Պաթը գիտեր, որ բացառված է։ Ոչ ոք նրանց չի լսի ու ոչ ոք նրանց հետ չի խոսի։ Նրանք այնպես հիմնովին են կտրված մարդկությունից, ասես նա ամենևին գոյություն չունի։
Բավական է մտածել այդ մասին, նա շատ ու շատ ուրիշ գործեր ունի։ Ուշի֊ուշով նա ստուգեց սարքերի ցուցմունքները։ Ամեն ինչ կարգին էր, միայն թե խցիկում օդի ջերմաստիճանը փոքր֊ինչ բարձրացել էր։ Բայց դա նույնպես բնական է․ փոշե վերմակը նրանց պաշտպանում է տիեզերական սառնամանիքից։
Այդ վերմակի հաստությունն ու քաշը նավապետին մտահոգում էին հատկապես։ «Սելենի» վրա ճնշում է ինը հազար տոննա փոշի, իսկ չէ որ նրա նավիրանը հարմարեցված է ներքին, այլ ոչ թե արտաքին ճնշմանը դիմադրելու համար։ Եթե նավը չափից ավելի սուզվի, նավիրանը ձվի կեղևի նման կփշրվի։
Ի՞նչ խորության վրա են նրանք այժմ։ Երբ աստղալից երկնքի վերջին կտորը անհետացավ տեսողությունից, մինչև մակերեսը տասը մետր էր, սակայն փոշու նստվածք տալը «Սելենին» կարող էր ավելի խոր քաշել։ Թերևս, արժե, թեպետ դա կավելացնի թթվածնի ծախսումը՝ բարձրացնել ճնշումը ներսում և այդպիսով մասամբ համակշռել դրսինի հետ։
Շատ դանդաղ, որպեսզի ոչ մեկի ականջները չփակվեն ու նրա շարժումները ուշադրություն չգրավեն, Պաթ Հարրիսոնը բարձրացրեց օդի ճնշումը խցիկում քսան տոկոսով։ Դրանից հետո նրա սիրտը քիչ թեթևացավ։ Եվ ոչ միայն նրա․ հազիվ էր մանոմետրի սլաքը կանգնել նոր նշագծում, երբ մի հանդարտ ձայն նավապետի թիկունքում ասաց․
― Հրաշալի միտք էր։
Ո՞վ է, որ իր քիթը խոթում է գործերիս մեջ։ Պաթը կտրուկ շրջվեց, բայց զայրալից խոսքերը դուրս չեկան նրա բերանից։ Նստելու ժամանակ նավապետը աճապարելով՝ ուղևորների մեջ ոչ մի ծանոթ դեմք չէր նկատել, բայց և այնպես, նա հաստատ ինչ֊որ տեղ տեսել էր թիկնեղ ճերմակած այդ տղամարդուն, որ կանգնած էր այժմ նրա բազմոցի մոտ։
― Ես չեմ ուզում աներեսություն անել, նավապետ, դուք եք տնօրինում այստեղ։ Բայց, այնուամենայնիվ, թույլ տվեք ներկայանալ, գուցե իմ կարիքն զգաք։ Կոմոդոր Հանստե՛ն։
Պաթը բերանը բաց, աչքերը չռած նայում էր այն մարդուն, որը ղեկավարել էր առաջին արշավախումբը դեպի Պլուտոն և գլխավորում էր մոլորակներն ու Լուսինը նվաճողների ցանկը։ Զարմանքից ապշած՝ նա կարողացավ լոկ արտասանել․
― Ուղևորների ցուցակում դուք չկայի՛ք։
Կոմոդորը ժպտաց։
― Այո, ես գրանցվել եմ որպես Հանսոն։ Պաշտոնաթող վիճակում էլ չեմ կորցրել հետաքրքրությունս ճանապարհորդությունների հանդեպ, բայց հրամանատարություն թող անեն ուրիշները։ Բավական էր, որ ես սափրեի մորուքս, և արդեն ոչ ոք ինձ չի ճանաչում։
― Ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք, ― ջերմությամբ ասաց Պաթը։
Կարծես ինչ֊որ մեկը թեթևացրեց իր ուսերին ծանրացած բեռը։ Հարկավ, այս մարդը թև ու թիկունք կլինի դժվարին ժամերին, կամ օրերին, որ դեռ սպասում են նրանց։
― Եթե դուք չեք առարկում, ― քաղաքավարի շարունակեց Հանստենը, ― կցանկանայի կշռադատել մեր հնարավորությունները։ Կամ պարզապես ասած․ ինչքա՞ն կարող ենք դիմանալ։
― Ինչպես միշտ, դա կախված է թթվածնից։ Մեր պաշարը կբավականացնի յոթ օր, եթե կորուստներ չլինեն։ Առայժմ, կարծես, այդպիսիք չկան։
― Ուրեմն, խորհելու ժամանակ կա։ Իսկ ինչպիսի՞ն է պարենի, ջրի վիճակը։
― Կուշտ չենք լինի, բայց սովից էլ չենք մեռնի։ Ունենք խտածոների վթարային պաշար, օդամաքրիչները մեզ կապահովեն ջրով։ Մի խոսքով դա պրոբլեմ չէ։
― Էլեկտրոէներգիա՞ն։
― Ինչքան ուզեք, չէ որ մոտորները հիմա ոչինչ չեն վատնում։
― Ես նկատեցի, որ դուք նույնիսկ չփորձեցիկ կանչել խարսխակայանը։
― Հարկ չկա, մենք պարուրված ենք փոշե էկրանով։ Ես միացրել եմ վթարային ալիքը, էկրանը թափանցելու միակ և չնչին հույսը․․․
― Նրանց հարկ կլինի թերևս էլի մի բան հորինել։ Ի՞նչ եք կարծում, նրանք երկա՞ր կորոնեն մեզ։
― Դժվար է ասել։ Որոնումները կսկսվեն, հենց որ նկատեն, որ 20.00֊ին չի ստացվել մեր ազդանշանը։ Մեր անհետացման վայրը շուտ կորոշեն։ Բայց չէ որ, անկասկած, մենք ոչ մի հետք չենք թողել մակերեսի վրա։ Դուք ինքներդ տեսաք, այդ փոշին ամեն ինչ կլանում է։ Եվ նույնիսկ եթե մեզ գտնեն էլ․․․
― Ինչպե՞ս կփրկեն նրանք մեզ։
― Իսկապես։
Քսանհոգանոց փոշեգնացի նավապետն ու տիեզերանավերի կոմոդորը նայում էին իրար, մտածելով միևնույն բանի մասին։ Հանկարծ ինչ֊որ մեկը՝ դատելով արտասանությունից, զտարյուն մի անգլիացի, բացականչեց՝ խլացնելով աղմուկը․
― Հավատացնում եմ ձեզ, միսս, որ սա առաջին կարգին թեյն է, որ խմում եմ Լուսնի վրա։ Ես արդեն մտածում էի, որ այստեղ ընդհանրապես չեն կարողանում թեյ եփել։ Ապրե՛ք։
Կոմոդորը մեղմ ծիծաղեց։
― Նա ձեզ պետք է շնորհակալ լինի, և ոչ թե ստյուարդուհուն, ― ասաց նա՝ գլխով անելով խտաչափի կողմը։
Պաթը ի պատասխան թույլ ժպտաց։ Ինչ ճիշտ է, ճիշտ է․ հիմա, երբ ավելացրել էր ճնշումը խցիկում, ջուրը եռում էր համարյա սովորական ջերմաստիճանում, ինչպես Երկրի վրա։ Եվ կարելի է ունենալ լավ տաք խմելիք, և ոչ թե գոլ անհամ խմիչք։ Ինչ խոսք, թեյ պատրաստելու արտառոց եղանակ է՝ ինչպես անեկդոտում, երբ խոզ խորովելու համար տուն են հրդեհում․․․
― Գլխավորն այն է, ― նորից միջամտեց կոմոդորը, ― թույլ չտալ, որպեսզի ուղևորները վհատվեն։ Փորձեք սիրտ տալ նրանց, պատմեցեք, թե ինչպես են ընթանում որոնումները։ Միայն թե մի չափազանցեք, այնպիսի տպավորություն մի ստեղծեք, թե չանցած մի կես ժամ, դրսից կթակեն նավիրանը։ Դա կբարդացնի կացությունը, եթե․․․ ասենք, եթե հարկ լինի սպասել մի քանի օր։
― Մեր փրկարար ծառայությունը նկարագրելը շատ ժամանակ չի պահանջի, ― պատասխանեց Պաթը։ ― Բայց շիտակն ասած, այն նախատեսված չէ նման դեպքերի համար։ Երբ նավը վթարի է ենթարկվում Լուսնի վրա, նրան հեշտությամբ կարելի է գտնել արբանյակներից մեկի օգնությամբ՝ «Լագրանժ-2֊ով», որը Ըրթսայդի վրա է, «Լագրանժ֊1֊ով», որը Ֆարսայդի վրա է։ Սակայն հազիվ թե նրանք օգնեն։ Ես արդեն ասացի․ չէ՞ որ հետքեր չկան։
― Չգիտեմ, հավատալս չի գալիս։ Երկրի վրա, երբ նավ է խորտակվում, միշտ հետքեր մնում են ջրի մակերեսի վրա․ պղպջակներ, յուղի հետքեր, բեկորներ։
― Այդպես է Երկրի վրա։ Խորն ենք մենք, թե ոչ՝ այստեղից մակերես ոչինչ դուրս չի գա։
― Մնում է միայն սպասե՞լ։
― Այո, ― պատասխանեց Պաթը։ Նայեց թթվածնի խտաչափին ու ավելացրեց․ ― մի բան պարզ է՝ մենք կարող ենք սպասել մեկ շաբաթից ոչ ավելի։
Լուսնի վերևում՝ հիսուն հազար կիլոմետր բարձրության վրա, Թոմ Լոուսոնը մի կողմ դրեց իր արած վերջին լուսանկարը։ Նա խոշորացույցով զննեց պատկերների յուրաքանչյուր քառակուսի միլիմետրը։ Նկարները հիանալի են։ Պատկերման էլեկտրոնային ուժեղացուցիչը, որ միլիոնավոր անգամ զգայուն է մարդու աչքից, բոլոր մանրամասները երևան էր բերել այնպիսի հստակությամբ, ասես հարթության վրա արդեն ծագել էր արևը։ Լոուսոնը նույնիսկ գտավ փոշեսահնակներից մեկը, ավելի ճիշտ, նրա երկար ստվերը։ Բայց «Սելենի» հետքն անգամ չէր երևում․․․ Ծովն այնքան հարթ ու խաղաղ էր, ինչպես մինչև Լուսնի վրա մարդու հայտնվելը։ Հավանաբար, նա այդպիսին կլինի նաև մարդկանց չքացումից բազում դարեր անց։
Թոմը չէր սիրում իրեն պարտված ճանաչել, նույնիսկ շատ ավելի պակաս լուրջ հարցերում։ Նա հաստատ հավատում էր, որ կարելի է լուծել ուզածդ խնդիրը, հարկավոր է միայն ճիշտ ձեռնարկել ու ստույգ միջոցների դիմել։ Գիտնականի ինքնասիրությունը վիրավորված էր․ որ խոսքը բազմաթիվ մարդկանց կյանքի մասին էր, նրան գրեթե չէր հուզում։ Լոուսոնին մարդիկ քիչ էին հետաքրքրում, բայց տիեզերքը նա հարգում էր։ Ու նրա ու տիեզերքի միջև մի տեսակ մենամարտ էր գնում։
Մանրախնդրորեն ու անվրդով նա գնահատեց իրադրությունը։ Իսկ ինչպե՞ս կմոտենար այդ հարցին մեծ Հոլմսը (Թոմի համար տիպական էր․ միակ մարդը, որին նա հիրավի հարգում էր, երբեք գոյություն չէր ունեցել)։ «Սելենը» բաց ծովում չկար, միայն մի հնարավորություն էր մնում։ Աղետը պատահել է ափից ոչ հեռու, կամ լեռների մոտ մի ինչ֊որ տեղ։ Ավելի շուտ այն շրջանում, որ հայտնի է (նա նայեց քարտեզին) Խառնարանային լիճ անունով։ Այո, ամեն ինչ վկայում է այն մասին, որ վթարանքը պատահել է այստեղ․ այլ ոչ հարթ, որևէ խոչընդոտից զուրկ տափարակի վրա։
Թոմ Լոուսոնը վերստին աչքի անցկացրեց լուսանկարները, մանրամասն զննելով լեռները։ Ու իսկույն հանդիպեց նոր դժվարության։ Ծովի եզերքին ցցված էին տասնյակ անջատ֊անջատ ինչ֊որ զանգվածներ, և նրանցից յուրաքանչյուրը կարող էր լինել կորած փոշեգնացը։ Բայց որ ամենավատթարն էր՝ շատ վայրամասեր նա, ինչպես հարկն էր, չկարողացավ դիտել․ լեռները խանգարում էին։ «Լագրանժից» Լուսինը գնդաձև էր, և հեռանկարը խիստ աղավաղված։ Լեռների երեսից Խառնարանային լիճը նա ընդհանրապես չտեսավ։ Թոմին չէր փրկում նաև այն, որ նա սավառնում էր հսկայական բարձրության վրա․ միայն փոշեսահնակները կարող են հետազոտել այդ շրջանը։
Հարկավոր է կապվել Ըրթսայդի հետ և զեկուցել, թե ինչ է արված արդեն։
― Խոսում է Լոուսոնը, «Լանգրան֊2֊ը», ― սկսեց նա, երբ կապի հանգույցը նրան միացրեց ցանցին։ ― Ես հետախուզեցի Ծարավի ծովը, հարթավայրի վրա ոչինչ չկա։ Ըստ երևույթին, ձեր նավը ծանծաղուտի մեջ է խրվել ափի մոտ։
― Շնորհակալություն, ― արտասանեց մի ընկճված ձայն։ ― Դուք հավատացա՞ծ եք։
― Միանգամա՛յն։ Ես զանազանում եմ ձեր փոշեսահնակները, իսկ նրանք չորս անգամ փոքր են «Սելենից»։
― Նշմարելի որևէ բան կա՞ ծովի ափերի մոտ։
― Չափազանց շատ են մանրուքները, որոշակի ոչինչ չի կարելի ասել։ Տեսնում եմ «Սելենի» մեծության հիսուն, հարյուր առարկաներ։ Այժմ գիշեր է այնտեղ, մի մոռացեք։
― Մենք շատ շնորհակալ ենք օգնության համար։ Մի որևէ բան նկատելուն պես, հաղորդեցեք։
― Կլավիում «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետը տխուր լսում էր Լոուսոնի զեկույցը։ Ինչ արած, ժամանակն է հայտնել մոտիկ ազգականներին․․․ Այլևս անիմաստ է պահել գաղտնիքը, ասենք պարզապես հնարավոր էլ չէ։
Դիմելով ՎՓ֊ի գծով հերթապահին, նա հարցրեց․
― Ուղևորների ցուցակն ստացվե՞ է։
― Հենց հիմա տելեֆաքսով հաղորդում են Պորտ֊Ռորիսից։ Պատրա՛ստ է։ ― Հերթապահը Դևիսին մեկնեց նեղ ժապավենը։ ― Կարևոր մարդ կա՞ նավում։
― Բոլոր ուղևորներն էլ հավասարապես կարևոր են, ― սառը պատասխանեց գրասենյակի պետը, առանց գլուխը բարձրացնելու։ Ու անմիջապես բացականչեց․ ― Տե՜ր աստված։
― Ի՞նչ պատահեց։
― Կոմոդոր Հանստենը «Սելենի» վրա է։
― Հանստե՞նը։ Ես չգիտեի, որ նա Լուսնի վրա է։
― Մենք գաղտնի էինք պահում։ Մտածում էինք նրան ներգրավել «Լուսնաշրջիկի» գործունեության մեջ, միևնույն է նա ծառայության մեջ չէ։ Կոմոդորը պատասխանեց, որ սկզբում կցանկանար շրջապատի հետ ծանոթանալ, և անպայման ծպտյալ։
Նրանք լռեցին, խորհելով բախտի քմահաճույքի մասին։ Տիեզերքի մեծագույն հերոսներից մեկը՝ և ահա, կորել է անհայտ, ինչպես շարքային զբոսաշրջիկը հիմար վթարի ժամանակ Երկրի կորած֊մոլորած անկյունում․․․
― Դժբախտություն էր այս ճանապարհորդությունը կոմոդորի համար, ― արտասանեց վերջապես հերթապահը։ ― Կամ բարեբախտություն մյուս ուղևորների համար։ Եթե նրանք դեռևս կենդանի են։
― Ճիշտ այդպես․ այժմ, երբ աստղադիտարանը, գլուխ չհանեց, նրանց միայն բախտը կփրկի, ― ասաց Դևիսը։
Բայց նա շտապում էր բանի տեղ չդնել «Լագրանժ֊2֊ին», դոկտոր Թոմ Լոուսոնը դեռևս իր չբացված խաղաթղթերն ուներ։
Այդպիսիք ուներ նաև ճիզվիտական ընկերության անդամ, վերապատվելի Վինսենտ Ֆերրարոն, բոլորովին այլ խառնվածքի մի գիտնական։ Ափսո՜ս, որ նրան ու Թոմ Լոուսոնին բախտ չի վիճակվի հանդիպելու՝ կստացվեր մի հիանալի հրախաղություն։ Հայր Ֆերրարոն հավատում էր աստծուն ու մարդուն, դոկտոր Լոուսոնը չէր հավատում ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին։
Վինսենտ Ֆերրարոն իր գիտական կարիերան սկսեց որպես գեոֆիզիկոս, այնուհետև մի աշխարհը փոխարինեց մեկ ուրիշով ու դարձավ սելենոֆիզիկոս․ բայց այդ կոչումը նա հիշում էր միայն այն ժամանակ, երբ դառնում էր վարժապետ։ Լուսնի ընդերքի մասին ոչ ոք այնքան բան չգիտեր, որքան նա․ այդ գիտելիքները ձեռք բերելու գործում Ֆերրարոյին օգնում էին այն բազմաթիվ սարքավորումները, որոնք հնարամտորեն տեղաբաշխված էին Երկրի հավերժական արբանյակի մակերևույթով մեկ։
Այդ սարքավորումները շատ հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին նրան․ Գրինվիչի ժամանակով 19 ժամ 35 րոպե 47 վայրկյանին Ծիածանի ծովախորշի շրջանում տեղի ունեցավ ուժեց ցնցում։ Տարօրինակ է՝ անվրդով Լուսնի այդ մարզը մինչ այժմ հատկապես կայուն էր համարվում։ Ֆերրարոն իր հաշվիչ մեքենաներին հանձնարարություն տվեց ճշտել, թե որտեղ է գտնվում տեղաշարժության օջախը, ինչպես նաև ստուգել, թե արդյոք սարքերը չեն գրանցել այլ խոտորումներ։ Ապա գնաց ճաշարան․ այդտեղ էլ հենց նա իր պաշտոնակիցներից լսեց, որ կորել է «Սելենը»։
Հաշվիչ ոչ մի մեքենա չի կարող համեմատվել մարդկային ուղեղի հետ, երբ հարկավոր է կապակցել կարծես ամենևին անկախ փաստերը։ Վինսենտ Ֆերրարոն առաջին պատառը դեռ կուլ չտված, երկուսը բազմապատկեց երկուսով ու ստացավ միանգամայն հավանական, բայց ավա՜ղ, ոչ ճիշտ պատասխանը։
Գլուխ հինգերորդ
― Ահա թե ինչպիսին է իրավիճակը, տիկնայք ու պարոնայք, ― եզրափակեց կոմոդոր Հանստենը։ ― Ուղղակի վտանգ չի սպառնում մեզ, և ես չեմ տարակուսում, որ մեզ շատ շուտով կգտնեն։ Իսկ առայժմ՝ գլուխներդ բարձր պահե՛ք։
Կոմոդորը լռեց, շրջահայելով հուզված դեմքերը։ Նա արդեն նկատել էր մի քանի «թույլ օղակներ»․ ահա այն վտիտ տղամարդը, որ տառապում է դեմքի մկանագելանքով, ասենք այն սմքած թթվադեմ տիկինը նույնպես, որ ջղայնորեն ճմրթում է թաշկինակը։ Միգուցե, նրանք չեզոքացնե՞ն միմյանց, եթե որևէ պատրվակով նրանց նստեցնել իրար կողքի․․․
― Նավապետ Հարրիսը և ես, ― հրամանատարը այստեղ նա է, ես միայն նրա խորհրդականն եմ, ― գործողության ծրագիր ենք մշակել։ Սնունդը համեստ կլինի, խիստ նորմայով, բայց միանգամայն կբավարարի, առավել ևս, որ ուժ վատնելու կարիք չունեք դուք։ Մենք կցանկանայինք խնդրել կանանցից մեկին օգնելու միսս Ուիլքինզին։ Նա շատ հոգսեր կունենա, մենակ դժվար կլինի նրա համար։ Սակայն գլխավոր վտանգը, անկեղծ ասած, ձանձրույթն է։ Ի դեպ, որևէ մեկը իր հետ գիրք վերցրե՞լ է։
Բոլորը սկսեցին քրքրել իրենց պայուսակներն ու թղթապանակները։ Հանեցին՝ Լուսնային ուղեցույցների մի լրիվ հավաքածու, ներառյալ վեց օրինակ պաշտոնական տեղեկատուներ, «Նարինջ և խնձոր» նորագույն բեստելերը, որը նվիրված է մի փոքր անսպասելի թեմայի՝ Նել Գվինի և սըր Իսահակ Նյուտոնի սիրաբանությանը, «Շեյնը»՝ հարվարդ Պիեսի հրատարակությամբ և անգլերեն լեզվի մի պրոֆեսորի գիտական մեկնաբանություններով, Օգյուստ Կոնտի տրամաբանական պուլիտիվիզմի ուրվագիծը և «Նյու֊Յորք Թայմսի» մի օրինակ՝ անցյալ շաբաթվա, երկրային հրատարակությամբ։ Հարուստ գրադարան չէ, բայց եթե հմտորեն մոտենալ, կարելի է երկար զբաղվել նրանով։
― Առաջարկում եմ ստեղծել զվարճությունների հանձնաժողով, թող նա որոշի, թե ինչպես դրանք օգտագործել։ Չգիտեմ միայն, թե պետք կգա՞ արդյոք մսյո Կոնտը․․․ Բայց գուցե հարցե՞ր ունեք։ Միգուցե դուք ցանկանում եք, որպեսզի նավապետ Հարրիսը կամ ես մանրամասն պարզաբանումնե՞ր տանք։
Ես կցանկանայի պարզել մի հարց, ― միջամտեց այն նույն ձայնը, որ գովեստով էր արտահայտվում թեյի մասին։ ― Հնարավո՞ր եք համարում մեր մակերես դուրս գալը։ Չէ՞ որ, եթե այս փոշին իրեն պահում է ջրի նման, մեզ կարող է դուրս մղել ինչպես խցան։
Անգլիացու հարցը կոմոդորին հանկարծակիի բերեց։ Նա շրջվեց դեպի Պաթը և փնթփնթաց․
― Դա վերաբերում է ձեզ, միստր Հարրիս։ Ի՞նչ կասեք։ ― Պաթը գլուխը ճոճեց․
― Վախենում եմ, դրա վրա հույս չպետք է դնել։ Իհարկե, խցիկում եղած օդը մեզ մեծ լողունակություն է տալիս, սակայն փոշու դիմադրությունը չափազանց մեծ է։ Սկզբունքով, մենք «ջրի երես» դուրս կգանք մի քանի հազար տարի հետո։
Բայց ալներևաբար, անգլիացուն համոզելը շատ էլ հեշտ չէր։
― Օդասահանքում ես տեսա տիեզերկան սկաֆանդր։ Կարելի՞ է նրանով մակերես դուրս գալ։ Այն ժամանակ փրկարարները անմիջապես կիմանան մեր տեղը։
Պաթը տատամսեց․ նա էր կարողանում միայն վարվել այդ սկաֆանդրի հետ, որը նախատեսված էր վթարային դեպքերի համար։
― Ես գրեթե համոզված եմ, որ դա հնարավոր չէ։ Հազիվ թե մարդը կարողանա հաղթահարել նման ուժեղ դիմադրությունը։ Դրան ավելացրած նաև այն, որ նա կույր կլինի։ Ինչպե՞ս կարող է նա որոշել՝ որն է վերևը, և հետո, ինչպե՞ս նրա հետևից փակել արտաքին դուռը։ Եթե փոշին թափանցի սահանքախցիկը, նրանից այլևս պրծում չի լինի։ Այն չի կարելի դուրս մղել։
Պաթը թերևս կարող էր շարունակել, բայց որոշեց, որ այդ էլ բավական է։ Եթե շաբաթվա վերջում փրկարարները չգտնեն նրանց, թերևս հարկ կլինի փորձել ամենահուսահատական միջոցները։ Բայց ավելի լավ է այժմ այդ մասին չխոսել, նույնիսկ չմտածել, հոգու արիությունը չկորցնելու համար։
― Եթե այլևս հարցեր չկան, ― միջամտեց կոմոդոր Հանստենը, ― ես առաջարկում եմ, որպեսզի յուրաքանչյուրը ներկայանա։ Ցանկանում ենք, թե ոչ՝ մենք պետք է վարժվենք միմյանց։ Եվ այսպես, եկեք ծանոթանանք։ Ես կանցնեմ խցի երկայնքով, իսկ դուք հերթով կասեք ձեր ազգանունը, զբաղմունքը, քաղաքը։ Խնդրեմ, սըր։
― Ռոբերտ Բրայեն, ինժեներ, թոշակառու, Քինգստոն, Յամայկա։
― Իրվինգ Շաստեր, փաստաբան, Չիկագո։ Տիկինս՝ Մայրա։
― Նիհալ Ջայավարդեն, կենդանաբանության պրոֆեսոր, Ցեյլոնի համալսարան, Պերադենիա։
Ծանոթությունը շարունակվում էր։ Պաթը նորից շնորհակալությամբ մտածեց այն մասին, թե ինչպես իր բախտը բերեց այդ հուսահատ վիճակում։ Իր բնավորությամբ, ունակություններով ու փորձով կոմոդոր Հանստենը բնատուր ղեկավար էր։ Նա արդեն սկսել էր տարբեր մարդկանց խայտաբղետ այդ խառնամբոխը միավորել մի միասնական ամբողջության մեջ, ստեղծել ընկերական մթնոլորտ, որը խուժանը վեր է ածում կազմակերպված ջոկատի։ Հանստենը այդ բանը սովորել էր, երբ նրա փոքրիկ նավատորմիկը շաբաթներ շարունակ ճախրում էր մոլորակների միջև՝ դատարկության մեջ, ուղղություն վերցնելով (առաջին անգամ լինելով) դեպի Նեպտունի ուղեծիրը՝ Արևից մոտ երեք միլիարդ կիլոմետր հեռու։ Պաթը երեսուն տարով փոքր էր կոմոդորից ու երբեք Լուսնից այն կողմ չէր գնացել։ Ու նա ամենևին չէր վշտանում, որ աննկատ կերպով տեղի էր ունեցել հրամանատարի փոփոխում։ Թեև կոմոդորը տակտով ընդգծում է, որ պետը Հարրիսն է, բայց չէ որ ինքը լավ գիտի ինչը֊ինչոց է․․․
― Դանկեն Մըքենզի, ֆիզիկոս, Մաունթ֊Սթրոմլոյի աստղադիտարան, Քանբերրա։
― Պյեռ Բրանշար, հաշվետար, Կլավի, Ըրթսայդ։
― Ֆիլլիս Մոռլի, լրագրողուհի, Լոնդոն։
― Կարլ Յուհանսոն, ատոմագետ֊ինժեներ, Ցիոլկովսկու խարսխակայան, Ֆարսայդ։
Ծանոթույթունը կայացավ և ցույց տվեց, որ «Սելենում» հավաքված են բավական երևելի մարդիկ։ Զարմանալի ոչինչ չկա․ Լուսնի վրա, որպես կանոն, հայտնվում էին մարդիկ, որոնք ինչ֊որ բանով տարբերվում էին մյուսներից, թեկուզև միայն հարստությամբ։ Բայց այս վիճակում ինչ օգուտ կա բոլոր այդ տաղանդներից, մտածեց Պաթը։
Նա ամենևին էլ ճիշտ չէր, շատ շուտով այդ բանում նրան օգնեց համոզվել Հանստենը։ Կոմոդորը լավ գիտեր, որ ձանձրույթի դեմ հարկավոր է պայքարել նույնպիսի վճռականությամբ, ինչպես վախի դեմ։ Եվ նրանք կարող են հույս դնել միմիայն սեփական հնարամտության վրա։ Միջմոլորակային հաղորդակցությունների և տիեզերական զվարճությունների դարում «Սելենը» հանկարծ կտրվեց ողջ մարդկությունից։ Ռադիոն, հեռուստատեսությունը, տելեֆաքսի տեղեկաթերթերը, կինոն, հեռախոսը՝ այս ամենը այժմ նույնքան անմատչելի եր նրանց, որքան քարի դարի մարդկանց։ Ոնց որ խարույկի շուրջը խմբված նախնադարյան ցեղը՝ և ուրիշ ոչ ոք շրջապատում։ Նույնիսկ դեպի Պլուտոն կատարված գիտարշավի ժամանակ, մտածեց Հանստենը, մենք այնքան մենակ չէինք, ինչպես այժմ։ Այն ժամանակ մենք ունեինք հիանալի գրադարան ու բազմապիսի ձայնագրությունների հաստ հավաքածու։ Ուզածդ րոպեին լուսաֆոնով կարելի էր կապվել ներքին շրջանագծի մոլորակների հետ։ Իսկ «Սելենի» վրա խաղաթղթերի մի կապուկ անգամ չկա։
Ի դեպ, լա՛վ միտք է։
― Միսս Մոռլի, դուք լրագրող եք, թերևս ձեզ մոտ նշանատե՞տր լինի։
― Այո, կոմոդոր, կա՛։
― Հիսուներկու մաքուր թերթիկ կգտնվի՞։
― Հավանաբար։
― Ձեզ կխնդրեինք զոհել դրանք։ Բարի եղեք, պոկեք դրանք՝ մի կապուկ խաղաթուղթ նկարեք։ Առանձնապես ճիգ մի թափեք, միայն թե կարելի լինի դրանք տարբերել միմյանցից։
― Հետաքրքիր է, ինչպե՞ս պետք է խառնեք այդպիսի խաղաթղթերը, ― հարցրեց ինչ֊որ մեկը։
― Թո՛ղ զվարճությունների հանձնաժողովը մտածի այդ մասին։ Ովքե՞ր շնորհք ունեն, որ կարող է պետք գալ մեր ինքնագործունեության համար։
― Ես մի ժամանակ ելույթներ եմ ունեցել բեմի վրա, ― անվստահ ասաց Մայրա Շաստերը։
Նրա ամուսինը ակներևաբար չուրախացավ այդ խոստովանության համար, սակայն կոմոդորը գոհ էր։
― Սքանչելի է, ուրեմն, կարելի է մի փոքրիկ պիես խաղալ, թեև մեզ մոտ մի քիչ նեղ է։
― Դա վաղուց էր, ― ասաց նա, ― և ես․․․ ես գրեթե առիթ չեմ ունեցել խոսել բեմից։
Մի քանի հոգի փռթկացին, և նույնիսկ կոմոդորը հազիվ զսպեց իրեն։ Դժվար էր պատկերացնել պատանեկության հասակում խմբերգչուհուն, որի տարիքն այժմ հիսունից անց էր, իսկ քաշը՝ հարյուրից։
― Ոչինչ, ― ասաց Հանստենը, ― գլխավորը՝ ցանկությունն է։ Ո՞վ է ուզում օգնել տիկին Շաստերին։
― Ես ժամանակին մասնակցել եմ սիրողների ներկայացումների, ― հայտարարեց պրոֆեսոր Ջայավարդենը։ ― Ճիշտ է, մենք գերազանցապես բեմադրում էին Բրեխտ ու Իբսեն։
Այդ «ճիշտ է»֊ն ակնարկում էր, որ այստեղ ավելի պատշաճ կլիներ թեթև ժանրը։ Ասենք, գռեհկավուն, բայց զվարճալի այն կատագերգություններից մեկը, որ ողողել էին եթերը 1980֊ական թվականներին, երբ հեռուստագրաքննությունը անձնատուր էր եղել։
Ուրիշ կամավոր արտիստներ չգտնվեցին, և կոմոդորը տիկին Շաստերին ու պրոֆեսոր Ջայավարդենին խնդրեց նստել իրար կողքի ու միասին կազմել ծրագիրը։ Ասենք նա շատ էլ չէր հավատում, թե այդ աստիճանի տարբեր անձինք մի խելացի բան կմտածեն, սակայն ո՞վ գիտի․․․ Եվ, ընդհանրապես, հիմնականն այն էր, որպեսզի յուրաքանչյուրը մի բանով զբաղվեր, մենակ կամ ուրիշի հետ։
― Մի գործ արդեն գլուխ բերեցինք, ― շարունակեց Հանստենը։ ― Եթե որևէ մեկը փայլուն միտք ունենա, խնդրեմ, թող հայտնի հանձնաժողովին։ Իսկ առայժմ, նստեցեք ըստ հարմարին և մոտիկից ծանոթացեք միմյանց հետ։ Յուրաքանչյուրն ասաց, թե որտեղից է նա և ինչով է զբաղվում, դուք կարող եք ընդհանուր շահեր ունենալ, նույնիսկ ընդհանուր բարեկամներ։ Մի խոսքով, զրույցի համար նյութ կգտնեք։
«Ու ժամնակն էլ կբավարարի լիուլի» ― մտովի լրացրեց նա։
Կոմոդոր Հանստենը Պաթի հետ նրա հատվածում խորհրդակցում էր, երբ նրանց մոտեցավ դոկտոր Մըքնեցին, ավստրալիացի ֆիզիկոսը։ Նա շատ մտահոգ էր երևում, ասես մի արտակարգ բան պատահած լիներ։
― Ես ասելիք ունեմ ձեզ, կոմոդոր, ― հուզված արտասանեց նա։ ― Եթե չեմ սխալվում, թթվածնի յոթօրյա պաշարը մեզ չի փրկի։ Մեզ շատ ավելի մեծ վտանգ է սպառնում։
― Ինչպիսի՞։
― Ջերմությունը։ ― Ավստրալիացին ձեռքով ցույց տվեց նավիրանը։ ― Շուրջ բոլորը փոշի է, իսկ այն հիանալի ջերմամեկուսիչ է։ Մակերևույթի վրա մեր մեքենաներից ու մեզանից դուրս եկած ջերմությունը անցնում է շրջապատին, այստեղ այն փակված է։ Ուրեմն, խցիկում, գնալով ավելի ու ավելի շոգ կլինի, մինչև որ մենք կեփենք։
― Ի՛նչ եք ասում, ― ասաց կոմոդորը, ― ես այդ մասին չեմ մտածել։ Եվ ձեր կարծիքով, ինչքա՞ն ժամանակ կդիմանանք։
― Ինձ կես ժամ ժամանակ տվեք, ես կհաշվեմ։ Համենայն դեպս, ինձ թվում է, մեկ օրից ոչ ավելի։
Կոմոդորը հանկարծ իրեն բոլորովին անօգնական զգաց։ Սիրտը մի տեսակ կծկվեց․ ճիշտ այնպես, ինչպես երկրորդ ազատ անկման ժամանակ։ (Առաջին անգամ ոչինչ չէր եղել, այն ժամանակ Հանստենը լավ պատրաստված էր, իսկ երկրորդ անգամ նրան պատժեց ավելորդ ինքնավստահությունը)։ Եթե ֆիզիկոսը ճիշտ է, ապա բոլոր հույսերը ի դերև կանցնեն։ Առանց այդ էլ դրանք մեծ չէին, բայց մեկ շաբաթվա ժամանակամիջոցը թեկուզ ոչ մեծ, բայց հույս էր ներշնչում։ Մեկ օրվա ընթացքում այնտեղ՝ վերևում ոչինչ չեն հասցնի անել։ Նույնիսկ եթե գտնեն էլ իրենց, միևնույն է չեն փրկի։
― Ստուգեցեք օդի ջերմաստիճանը խցիկում, ― շարունակեց Մըքենզին։ ― Նույնիսկ դրանից կարելի է դատել։
― Հանստենը մոտեցավ ղեկավարման վահանակին՝ թվատախտակների ու ինդիկատորների մոզաիկային։
― Վախենում եմ, դուք ճիշտ եք, ― ասաց նա։ ― Արդեն երկու աստիճան բարձրացել է։
― Ժամում մեկ աստիճանից ավելի։ Այդպես էլ կարծում էի։
Կոմոդորը դարձավ դեպի Հարրիսը, որը նրանց զրույցը լսում էր աճող տագնապով։
― Կարո՞ղ եք ուժեղացնել պաղեցումը։ Ինչպիսի՞ հզորություն ունեն օդափոխիչ ագրեգատները։
Մինչ Պաթը հասցրեց պատասխանել, նորից միջամտեց ֆիզիկոսը։
― Դա չի օգնի, ― ասաց նա անհամբեր։ ― Ինչպե՞ս է բանում պաղեցման համակարգը։ Քաշում է խցիկի ջերմությունը և մղում շրջակա տարածության մեջ։ Բայց այստեղ հնարավոր չէ այդ, չորս կողմը փոշի է։ Եթե ավելացնենք հարմարանքների հզորությունը, ավելի վատ կլինի։
Մեկ րոպե մռայլ լռություն տիրեց։ Վերջապես կոմոդորն ասաց․
― Այնուամենայնիվ, խնդրում եմ ձեզ՝ շտապ ստուգեցեք ձեր հաշվումները և ասացեք ինձ, թե ինչ է ստացվում։ Եվ մեր երեքից բացի, ոչ ոք չիմանա այդ մասին։
Հանստենը հանկարծ շատ ծեր զգաց իրեն։ Սկզբում նույնիսկ նա ինչ֊որ ուրախացավ, որ անսպասելիորեն նորից հրամանատարական պոստ գրավեց։ Սակայն, երևում է, դա ընդամենը մեկ օր կտևի․․․
Այդ նույն րոպեին, թեև դրա մասին չգիտեին ոչ կորածները, և ոչ էլ փրկարարները, նավի վերևում Ծովի վրայով անցնում էր փոշեսահնակներից մեկը։ Այն կառուցելիս նկատի էին ունեցել միայն արագության, էֆեկտիվության ու էժանության հանգամանքը, այլ ոչ թե զբոսաշրջիկի հարմարությունը, և նա խիստ տարբերվում էր «Սելենից»։ Ըստ էության, դա երկտեղանի՝ վարորդի և ուղևորի համար, բաց սահնակ էր՝ արևից պաշտպանվելու նավահովանով։ Ոչ մեծ ղեկավարման վահան, մոտոր, երկու պտուտակ ետևում, դարեկներ գործիքների ու պահեստամասերի համար՝ ահա և ամբողջ նավասարքը։ Սովորաբար փոշեսահնակը իր հետևից քարշ էր տալիս բեռնատար սահնակներ․ սա գնում էր առանց ավելորդ բեռի։ Նա արդեն Ծովի վրա ակոսել էր մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր՝ և ոչինչ չէր հայտնաբերել։
Վարորդը սկաֆանդրի մեջ հարմարեցված խոսակցական սարքի միջոցով դիմեց ընկերոջը։
― Ի՞նչ ես կարծում, Ջորջ, ի՞նչ է պատահել նրանց։ Ըստ իս, այստեղ նրանք չկան։
― Իսկ որտե՞ղ են նրանք։ Գերվել են այլմոլորակայինների կողմի՞ց։
― Ինչ կա որ, միանգամայն հնարավոր է, ― գրեթե լուրջ պատասխանեց վարորդը։
Վաղ թե ուշ (դրան հավատում էին բոլոր աստղագնացները) մարդը կհանդիպի բանական այլ էակների։ Թող որ մինչ այդ հանդիպումը դեռ շատ հեռու էր, բայց ենթադրական «այլմոլորակայինները» արդեն հաստատ մտել են տիեզարական առասպելաբանության մեջ․ ինչ֊որ չէին կարողանում բացատրել՝ կապում էին նրանց հետ։
Այնքան էլ դժվար չի հավատալ այլմոլորակայինների գոյության փաստին, եթե մի բուռ մարդկանց հետ հայտնվել ես օտար, անհյուրընկալ աշխարհում, որտեղ նույնիսկ քարերն ու օդը (եթե կա այն) թշնամի են թվում։ Որտեղ հազարավոր երկրային սերունդների փորձը միանգամայն անօգտակար դուրս եկավ, բոլոր սովորական պատկերացումները՝ անպետք։ Նախնադարյան մարդը ամեն մի անծանոթի ետևում տեսնում էր աստվածներին ու ոգիներին։ Այդպես էլ հոմո աստրոնավտիկուսը (աստղագնաց մարդը), ժամանելով նոր մոլորակ, ակամա իր շուրջն էր նայում՝ ամեն քայլափոխ տեսնելու համար որևէ մեկին։ Մի քանի արագընթաց դար մարդիկ իրենց զգացել են տիեզերքի տերը․ հնից եկող երկյուղն ու ակնկալությունները անցան ենթագիտակցության ծալքերը։ Այժմ, երբ մարդը հետաքրքրորեն ուսումնասիրել է աստղային հեռաստաններն ու փորձել է հասկանալ, թե ինչ ուժեր են թաքնված այնտեղ, այդ զգացումները վերակենդանացել են։ Զարմանալի ոչինչ չկա։
Թերևս, հարկ կա զեկուցել Խարսխակայանին, ― ասաց Ջորջը։ ― Մենք զննել ենք հանձնարարված ամբողջ տարածությունը, իմաստ չունի կրկնել երթուղին։ Համենայն դեպս, քանի դեռ արևը չի ծագել։ Ցերեկը, գուցե, որևէ բան կարելի է գտնել։ Այս երկրային լույսից, ես մի տեսակ վատ եմ զգում ինձ։
Նա միացրեց հաղորդիչը։
― «Փոշեսահնակ֊2-ը» կանչում է դիսպետչերկանը։ Ընդունում եմ։
― Պորտ֊Ռորիսի դիսպետչերականը լսում է։ Որևէ բան հայտնաբերե՞լ եք։
― Ոչինչ։ Դուք ի՞նչ նորություն ունեք։
― Ըստ երևույթին, «Սելենը» չի կարող լինել Ծովում։ Հիմա ձեզ հետ գլխավոր ինժեները կխոսի։
― Միցարե՛ք։
― Ալլո, «Փոշեսահնակ֊2», խոսում է Լոուրենսը։ Պլատոն աստղադիտարանը հենց նոր հայտնեց Անմատչելիության լեռների շրջանում արձանագրված լուսնաշարժի մասին։ Այն տեղի է ունեցել 19.35-ին։ Այդ ժամանակ «Սելենը» պետք է լիներ Խառնարանային լճում։ Հավանական է, նա մնացել է փոշեհյուսքի տակ։ Գնացեք դեպի լեռները, ստուգեցեք, չկան արդյոք թարմ նստվածքների կամ փլվածքների հետքեր։
― Իսկ ցնցումներ կլինե՞ն, ― մտահոգ հարցրեց վարորդը։
― Հազիվ թե, եթե հավատանք աստղադիտարանին։ Նրանք ասում են, այժմ, երբ ամեն ինչ խաղաղվել է, մինչև հաջորդ անգամը մի՛ հազարամյակ չի անցնի։
― Հուսով եմ, նրանք չե՞ն սխալվում։ Ես ձեզ հետ կկապվեմ, հենց որ լինեմ Խառնարանայինում, մի քսան րոպե հետո։
Բայց արդեն տասնհինգ րոպե անց «Փոշեսահնակ֊2֊ը» խորտակեց ընդունիչի մոտ սպասողների վերջին հույսերը։
― Խոսում է «Փոշեսահնակ֊2֊ը»։ Կարծում եմ, գուշակեցիք։ Դեռ չենք հասել Խառնարանային լիճը, շարժվում ենք խնձահովտով։ Փլվածքները շատ֊շատ են, մենք հազիվ֊հազ անցանք։ Հիմա էլ տեսնում եմ փլուզումների հետքերը՝ պոկվել է, առնվազն, տասը հազար տոննա լեռնազանգված։ Եթե «Սելենը» այստեղ է թաղված, նրան չես գտնի։ Նույնիսկ փնտրել չարժե։
Դիսպետչերականը այնքան երկար լռեց, որ փոշեսահնակը նորից միացավ․
― Ալլո, դիսպետչերական, դուք ինձ լսո՞ւմ եք։
― Լսում ենք, ― հոգնաբեկ պատասխանեց գլխավոր ինժեները։ ― Փորձեցեք գտնել թեկուզ որևէ հետք։ Օգնության եմ ուղարկում «Փոշեսահնակ֊1-ին»։ Համոզվա՞ծ եք, որ չի կարելի նրանց փորել֊հանել։
― Շաբաթներ կտևեն, եթե միայն ընդհանրապես հաջողվի հասնել նրանց։ Մի տեղ գոյացել է երեք հարյուր մետրանոց անընդմեջ փլվածք։ Ասենք փորելն էլ վտանգավոր է, նորից փլվածք կարող է տալ․․․
― Զգույշ եղեք այդտեղ։ Զեկուցեք ամեն տասնհինգ րոպեն մեկ, նույնիսկ եթե ոչինչ չհայտնաբերեք։
Լոուրենսը երեսը շուռ տվեց միկրոֆոնից, իրեն բոլորովին ուժասպառ զգալով։ Նրա հնարավորություններն սպառված են․․․ Եվ, առհասարակ, ի՞նչ կարելի է այլևս անել։ Մաքառելով հուզմունքի դեմ, նա մոտեցավ դեպի հարավ նայող շրջահայման լուսամուտին և տեսավ Երկրի մանգաղը։
Ինչքան էլ նայես, դժվար է հավատալ, որ Երկիրը գամված է լուսնային երկնքի կետին։ Այնքան ցածր է կախված հորիզոնի վրա՝ բայց ոչ մայր կմտնի, ոչ էլ կծագի նույնիսկ միլիոն տարի հետո։ Այդ միտքը այն աստիճանի է հակասում մարդկության ամբողջ փորձառությանը, որ չի կարելի հաշտվել դրա հետ։
Շուտով տիեզերական անդունդի այն կողմում (ներկա սերունդը չի հիշում այն ժամանակները, երբ նա անհաղթահարելի էր․նրան այնքան էլ մեծ չի թվում այդ անդունդը) կտարածվեն ցնցումների ու վշտի ալիքները։ Հազարավոր մարդիկ հանգիստը կկորցնեն միայն այն պատճառով, որ Լուսինը քնի մեջ վեր է թռել։
Մտքերով տարվելով, գլխավորը անմիջապես չնկատեց, որ իրեն է դիմում կապի հանգույցի պետը։
― Ներեցեք, դուք դեռևս չե՞ք կանչել «Փոշեսահնակ֊1֊ը»։ Միացնե՞մ ձեզ։
― Ի՞նչ։ Իհարկե, այո՛, այո՛։ Հայտնեք, որպեսզի օգնության գնա Երկրորդին Խառնարանային լճում։ Հայտնեցեք, որ Ծարավի ծովում որոնումները դադարեցված են։
Գլուխ վեցերորդ
Որոնումները դադարեցնելու մասին լուրը «Լագրանժ֊2» հասավ այն ժամանակ, երբ Թոմ Լոուսոնը անքնությունից ուռած աչքերով արդեն ավարտում էր հարյուր միլիմետրանոց հեռադիտակի համար նոր հարմարանքի մոնտաժը։ Այդքան ջանք թափեց, շտապեց՝ ու ստացվում է, իզուր տեղը․․․ Ծարավի ծովում «Սելենը» չկա, նա մի այնպիսի տեղ է, ուր երբեք չես գտնի նրան, Խառնարանային լիճը գոտևորող պատնեշի ետևում, և այն էլ հազարավոր տոննա գլաժայռերի տակ։
Թոմը այնքան զայրացած էր, որ առաջին ակնթարթում նույնիսկ չխղճաց ուղևորներին։ Դուրս է գալիս, որ ապարդյուն էին ծախսված ժամանակն ու աշխատանքը։ Կորան բոլոր բնակելի աշխարհների հեռուստատեսային էկրանների վրա՝ «Երիտասարդ աստղագետը հայտնաբերում է կորած զբոսաշրջիկներին» խորագրի տակ հաղորդումներում փայլատակելու հույսերը․․․ Խորտակվեցին փառքի իղձերը։ Եվ ամբողջ երեսուն վայրկյան Թոմ Լոուսոնը իրեն հանգստացնում էր հայհոյանքների տարափով, որոնք զարմանք կպատճառեին նրա պաշտոնակիցներին, եթե վերջիններս լսեին նրան։ Ու դեռևս զայրույթից բորբոքված, նա սկսեց քանդել֊հանել այն դետալները, որոնք թախանձել, փոխ առնել, նույնիսկ սեփականացրել էր արբանյակի մյուս լաբորատորիաներից։
Թոմը չէր տարակուսում, որ իր սարքը կարող էր լուծել խնդիրը։ Տեսական մասը տեղը֊տեղին է, պոչ չես կարող կպցնել։ Ավելին, այն հիմնված է գրեթե հարյուրամյա փորձառության վրա։ Ինֆրակարմիր տեղարկումը հայտնի էր արդեն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ քողարկված ձեռնարկությունները հայտնաբերում էին նրանց ագրեգատների արձակած ջերմությամբ։
«Սելենը» Ծարավի ծովում չի թողել տեսանելի անվահետքեր, սակայն ինֆրակարմիր հետք պետք է լինի։ Նավի պտուտակները մեկ ֆունտ խորությունից հանել են համեմատաբար տաք փոշին ու այն շաղ տվել շատ ավելի սառը մակերեսի վրա։ Այն «աչքը», որ ի վիճակի էր տեսնել ջերմային ճառագայթները, «Սելենի» անցնելուց մի քանի ժամ հետո նույնպես կարող էր հայտնաբերել նրա թողած շավիղը։ Թոմի հաշվումներով, նա իր ինֆրակարմիր փնտրումները կհասցներ ավարտել մինչև արևի դուրս գալը, որը կջնջեր լուսնային սառնաշունչ գիշերում եղած ջերմային հետքի ամեն մի նշույլ։
Իսկ այժմ, իհարկե, իմաստ չունի որևէ բան ձեռնարկել։
Բարեբախտաբար, «Սելենի» վրա չէին կասկածում, թե Ծարավի ծովի շրջանում որոնումները դադարեցված են և փոշեսահնակները գնացել են Խառնարանային լիճ։ Բարեբախտություն էր նաև, որ ուղևորներից ոչ ոք չիմացավ դոկտոր Մըքենզիի երկյուղի մասին։
Թղթի կտորի վրա ֆիզիկոսը գծեց ջերմաստիճանի բարձրացման ենթադրյալ կորագիծը։ Յուրաքանչյուր ժամը մեկ նա գրաֆիկի վրա էր անցկացնում միջնորմից կախված ջերմաչափի ցուցմունքները։ Ավա՜ղ, նրանք ճիշտ և ճիշտ համընկնում էին կանխագուշակման հետ։ Եվս տասներկու ժամ՝ ու ջերմաստիճանը Ֆարենհայտի հարյուր տասը աստիճանից կանցի, երևան կգան ջերմահրության առաջին զոհերը։ Եվ ստացվում է, որ նրանց մնում է ընդամենը մեկ օրվա կյանք։ Այնպես որ, ուղևորների տրամադրությունը բարձր պահելու համար նավապետ Հանստենի թափած ջանքերը անհեթեթ էին թվում։ Հաջողություն կունենա նա, թե ոչ՝ վաղը չէ մյուս օրը արդեն նշանակություն չի ունենա։
Եվ, այնուամենայնիվ, արդյո՞ք դա այդպե՞ս է։ Ասենք նրանք ունեն երկու ընտրություն․ մեռնել կամ որպես մարդ, կամ որպես գազան՝ առաջինը, անշուշտ, գերադասելի է։ Նույնիսկ, եթե երբեք չգտնեն «Սելենը» ու ոչ ոք չիմանա, թե ինչպես են դիմավորել նրա կալանավորները իրենց մահը։ Սա տրամաբանությունից ու դատողությունից վեր է։ Սակայն նույնը կարելի է ասել գրեթե ամեն ինչի մասին, որ որոշում է մարդու կյանքն ու մահը։
Կոմոդոր Հանստենը հիանալի էր հասկանում այդ բանը, երբ ծրագիր էր կազմում մնացած ժամերի համար։ Կան մարդիկ, որ ծնված են ղեկավարելու համար․ նա դրանց թվին էր պատկանում։ Այն դատարկությունը, որի մեջ ընկել էր նա պաշտոնաթող լինելով, հանկարծ լցվել էր։ «Կենտավր» դրոշակակիր տիեզերանավի մենախցիկը թողնելուց ի վեր, առաջին անգամ նա լիարժեք կյանքով էր ապրում։
Քանի դեռ մարդիկ զբաղված են որևէ բանով, կարելի է հանգիստ լինել նրանց բարոյավիճակի համար։ Կարևոր չէ, թե ինչով կզբաղվեն նրանք, միայն թե դա նրանց հետաքրքիր ու կարևոր թվա։ Տիեզերական ադմինիստրացիայի հաշվետարը, պաշտոնաթող ինժեներն ու նյույորքցի երկու ծառայողները արդեն խորասուզվել էին պոկերի մեջ։ Իսկույն երևում է, որ թունդ թղթամոլներ են․ նրանք գլխացավանք չեն պատճառի, նույնիսկ դժվար է նրանց պոկել խաղաթղթերից։
Մնացած բոլորը նույնպես խումբ֊խումբ շատ սիրալիր զրուցում էին։ Զվարճությունների հանձնաժողովը նիստը շարունակում էր։ Պրոֆեսոր Ջայավարդենը ինչ֊որ նշումներ էր անում, միսիս Շաստերը, չնայած ամուսնու զսպումներին, հիշողություններ էր պատմում բուռլեսկից։[1] Եվ միայն միսս Մոռլին էր մեկուսի պահում իրեն։ Մանր ձեռագրով նա առանց շտապելու լրացնում էր նշատետրի մնացած թերթիկները։ Ըստ երևույթին, օրագիր էր պահում, ինչպես վայել էր իսկական լրագրողին։
Եթե միայն միսս Մոռլիի օրագիրը կիսատ չմնա․․․ Կարծես, նա չի հասցնելու լրացնել նույնիսկ այդ մի քանի էջերը։ Նույնիսկ, եթե հասցնի էլ՝ հազիվ թե որևէ մեկը կարդա այն։
Կոմոդորը նայեց ժամացույցին և զարմացավ, շատ ժամանակ էր անցել։ Այս ժամին նա հույս ուներ լինել արդեն Լուսնի հակառակ կողմում, Կլավիում։ Մի թեթև ճաշ «Հիլտոնի» լուսնային մասնաճյուղում, այնուհետև էքսկուրսիա դեպի․․․ Բայց ի՞նչ իմաստ ունի խորհել ապագայի մասին, որը չի լինելու։ Նրան շատ ավելի հուզում էր սրընթացիկ ներկան։
Թերևս ավելի լավ կլինի մի փոքր քնել, քանի դեռ տոթը անտանելի չի դարձել։ «Սելենի» կոնստրուկտորները չեն նախատեսել, որ նա կարող է դառնալ ննջարան (կամ գերեզման), բայց ինչ արած։ Ըստ երևույթին, պետք է մի քիչ ուղեղներս շարժենք, որոշ իրեր տեղափոխենք, թեկուզ դրանից տուժի «Լուսնաշրջիկի» գույքը։ Հանստենից քսան րոպե պահանջվեց այդ ամենի մասին խորհելու համար, ապա նա խորհրդակցեց նավապետ Հարրիսի հետ ու դիմեց մյուսներին։
― Տիկնա՛յք և պարոնա՛յք, այսօր մենք բոլորս տանջվեցինք, և ես կարծում եմ, դեմ չեք լինի, որպեսզի մի քիչ քնենք։ Ճիշտ է, որոշ դժվարություններ են ծագում, բայց ես արդեն փորձել եմ և համոզվել, որ ցանկության դեպքում կարելի է հանել նստարանների միջև եղած արմնկակալները։ Իհարկե, դա չի կարելի անել, բայց հազիվ թե «Լուսնաշրջիկը» հայց հարուցի մեր դեմ։ Տասը հոգի կարող են պառկել բազմոցների վրա, մնացածներին առաջարկում եմ տեղավորվել հատակին։ Մի հանգամանք ևս․ հավանաբար, դուք նկատել եք, որ խցիկում գնալով ջերմությունն ավելանում է։ Ջերմաստիճանը դեռ մի որոշ ժամանակ կբարձրանա։ Այդ պատճառով էլ ես խորհուրդ եմ տալիս հանել ավելորդ հագուստները, այժմ հարմարությունը փափկանկատությունից շատ ավելի կարևոր է։
(Մտովի նա ավելացրեց, որ է՛լ ավելի կարևոր է կենդանի մնալը․․․ բայց մենք դեռ մի քանի ժամ ունենք):
― Մենք կհանգցնենք ներքին լուսավորությունը, ― շարունակեց Հանստենը, ― իսկ որպեսզի մթության մեջ չմնանք, կմիացնենք ոչ ուժեղ վթարային լույսը։ Մի հոգի կհերթապահի նավապետի բազկաթոռին։ Նավապետ Հարրիսը արդեն կազմել է հերթապահության գրաֆիկը․ հերթապահը կփոխվի երկու ժամը մեկ։ Հարցեր կամ դիտողություններ կա՞ն։
Ոչ մեկը, ոչ էլ մյուսը, ու կոմոդորը թեթևացած շունչ քաշեց։ Նա վախենում էր, որ մեկնումեկը կհետաքրքրվի, թե ինչու է ջերմաստիճանը բարձրանում։ Ի՞նչ պատասխան պետք է տար ինքը։ Բոլոր իր ընդունակություններով հանդերձ, Հանստենը ստել չգիտեր, ու նա ցանկանում էր, որպեսզի ուղևորները հանգիստ քնեն, որքան դա ընդհանրապես հնարավոր է նման իրավիճակում։ Եթե հրաշք չպատհի, այդ քունը կարող է հավերժ լինել․․․
Միսս Ուիլքինզը, արդեն առանց առաջվա պրոֆեսիոնալ անբռնազբոսիկության, ըմպելիք բաժանեց ցանկացողներին։ Ուղևորներից շատերը հանեցին վերնազգեստները, ավելի ամաչկոտները սպասեցին մինչև կհանգչեր հիմնական լուսավորությունը։ Աղոտ կարմիր լույսի տակ «Սելենի» խուցը ֆանտաստիկ տեսք ուներ։ Ո՞վ կարող էր պատկերացնել այս ամենը մի քանի ժամ առաջ, երբ փոշեգնացը հեռանում էր Պորտ֊Ռորիսից․․․ Քսաներկու հոգի, գրեթե բոլորը միայն մի սպիտակեղենով, պառկած էին նստարաններին ու հատակին։ Մի քանի բախտավորներն արդեն խռմփացնում էին, մյուսները անհանգիստ շուռ ու մուռ էին գալիս տեղներում։
Պաթ Հարրիսը տեղավորվել էր ամենավերջում, նույնիսկ ոչ թե խցիկում, այլ օդասահանքի նեղ անկյունում։ Այստեղից հարմար էր դիտելը։ Բաց դռնից նա տեսնում էր ամբողջ խցիկը՝ սկսած նավաքթից, կարող էր հետամուտ լինել յուրաքանչյուր ուղևորի։
Պաթը խնամքով ծալեց համազգեստը, նրանից բարձ պատրաստեց ու պառկեց չոր հատակին։ Մինչև հերթափոխը վեցը ժամ կա, լավ կլիներ քնել։
Քնել․․․ Անցնում են նրա կյանքի վերջին ժամերը, ― և այնուամենայնիվ ուրիշ ոչինչ չի մնում։ Հետաքրքիր է, ամո՞ւր են քնում մահվան դատապարտվածները մահապատժի գիշերը։
Նա այնքան հոգնած էր, որ նույնիսկ այդ միտքը նրան երկար չզբաղեցրեց։ Վերջին բանը, որ նկատեց Պաթը ինքնամոռացության մեջ ընկնելով, այն էր, թե ինչպես դոկտոր Մըքենզին վերցրեց ջերմաստիճանի հերթական ցուցմունքը և խնամքով անցկացրեց իր գրաֆիկի վրա։ Ճիշտ և ճիշտ, ինչպես աստղագուշակը բախտացույց կազմելիս․․․
«Սելենից» տասնհինգ մետր վերև (որը տեղի ձգողության պայմաններում կարելի է հաղթահարել մի ցատկով) արդեն առավոտ էր։ Լուսնի վրա աղջամուղջ չի լինում, բայց երկինքը վաղուց արշալույս էր խոստանում։ Արևածագից դեռ շատ առաջ վեր էր հառնել զոդիակի լույսի պայծառափայլ բուրգը, որն այնքան հազվադեպ տեսանելի է Երկրի վրա։ Նա բարձրանում էր շատ դանդաղ՝ և որքան մոտենում էր արևածագը, այնքան ավելանում էր փայլը։ Ահա բուրգը հալվեց պսակի ծիածանափայլի մեջ, ու հորիզոնը բոցավառվեց միլիոն անգամ պայծառ լույսով։ Երկշաբաթյա խավարը վերջ գտավ, լուսատուն վերադարձավ։ Սեփական առանցքի շուրջը Լուսնի դանդաղ պտտվելու պատճառով, կանցնի ավելի քան մեկ ժամ, մինչև նա բոլորովին կծագի, բայց օրն արդեն սկսվել է։
Ծարավի ծովի վրայով՝ ասես կուրացնող լույսից նեղված, գլորվում էր սև խավարը։ Եվ, ահա, արդեն ծովի ողջ հարթությունը լուսավորվում է գրեթե հորիզոնական ճառագայթներով։ Մակերևույթի վրա եղած ամենաանշան թումբն իսկ իրեն անմիջապես կմատներ իր արձակած մի քանի հարյուր մետրանոց ստվերով։
Կմատներ՝ բայց ո՞ւմ։ «Փոշեսահնակ֊1֊ը» ու «Փոշեսահնակ֊2֊ը» ապարդյուն որոնումներ էին կատարում Խառնարանային լճում, աղետի գոտուց մեկ ու կես տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Նրանք շրջապատված էին խավարով․ կանցնի ևս երկու օր, մինչ արևը կբարձրանա խառնարանը գոտևորող լեռնեից վեր, իսկ առայժմ, արևածագը լուսավորում է սոսկ գագաթները։ Ժամ առ առ ժամ լույսի ուրվագծված զոլը լանջերով ավելի ու ավելի ցած կիջնի՝ տեղ֊տեղ քայլող մարդուց արագ, և վերջապես ճառագայթները կդիպչեն խառնարանի հատակին։
Այժմ լճի վրա թափառում էր մարդու ստեղծած լույսը։ Պայծառ բռնկումները մթությունից կորզում էին ծանր լեռնաբեկորները․ փրկարարները լուսանկարում էին քարակույտերը, որոնք անաղմուկ գլորվել էին ցած, երբ Լուսինը ցնցվել էր քնի մեջ։ Մեկ ժամից էլ պակաս ժամանակամիջոցում լուսանկարները կլինեն Երկրի վրա, ևս երկու ժամ անց նրանց կտեսնեն բնակելի բոլոր աշխարհներում։
Վատ ռեկլամ է տուրիզմի համար։
Երբ նավապետը արթնացավ, խցիկում բավականին շոգ էր։ Բայց շոգը չէր, որ արթնացրեց նրան հերթափոխը սկսվելուց մի ամբողջ ժամ առաջ։
Թեպետ Պաթը երբեք առիթ չէր ունեցել գիշերելու «Սելենում», նա լավ գիտեր, թե ինչ ձայներ կարելի է լսել ներսում։ Երբ մոտորները կանգնած են, համարյա լիակատար լռություն է տիրում, և օդային պոմպերի շրշյունն ու պաղեցնող հարմարանքի թույլ դզզոցը որսալու համար լսողությունը պետք է լարել։ Այս ամենը նա լսում էր, երբ քնում էր, բայց այժմ այդ ձայներին ավելացել է նորը, անսովորը․․․
Հազիվ լսելի խշշոց, այնքան թույլ, որ Պաթը մի պահ տատանվեց՝ թե արդյո՞ք չի թվում իրեն։ Անհավանական է, որպեսզի նման մի թույլ ազդանշանը նրա ենթագիտակցության մեջ թափանցեր քնի պատնեշի միջով։ Նույնիսկ հիմա, զարթնելով, նավապետը չէր կարողանում որոշել ոչ ձայնի բնույթը, ոչ էլ նրա որտեղից գալը։
Պաթը հանկարծ հասկացավ, թե ինչու է աղմուկը արթնացրել իրեն։ Քունը միանգամից փախավ։ Ոտքի թռնելով, նա ականջը դրեց օդասահանքի խցիկի արտաքին դռանը․ խորհրդավոր ձայնը գալիս էր դրսից։
Դե, իհարկե։ Միանգամայն հստակ լսվում է։ Նավապետի մարմնով սարսուռ անցավ։ Խշշում են փոշեհատիկները, ասես «Սելենի» շուրջը ավազամրրիկ է սկսվել։ Ի՞նչ էր պատահել։ Մի՞թե Ծովը նորից փոթորկում է։ Իսկ եթե այդպես է՝ ո՞ւր կտանի հոսանքը «Սելենը»։ Առայժմ փոշեգնացը կարծես անշարժ է, միայն արտաքին միջավայրն է շարժվում ու հոսում․․․
Շատ զգույշ, որպեսզի չխանգարի քնածներին, Պաթը ոտքի թաթերի վրա մտավ խուցը։ Հերթապահում էր դոկտոր Մըքենզին։ Նավապետի բազկաթոռի վրա կուչ եկած, նա նայում էր դրսից լցված լուսանցույցին։ Երբ Պաթը մոտեցավ, ֆիզիկոսը շրջվեց նրա կողմը և շշնջալով հարցրեց․
― Վատ բա՞ն է պատահել։
― Չգիտեմ․․․ ինքներդ ստուգեցեք։
Հիմա արդեն երկուսով, ականջները դրած դռանը՝ երկար լսում էին առեղծվածային խշշոցը։ Հանկարծ Մըքենզին ասաց․
Դա փոշին է շարժվում, տարակույս չկա։ Սակայն ես գլխի չեմ ընկնում՝ ինչո՞ւ։ Ահա ձեզ ևս մեկ հանելուկ։
― Եվս մի՞։
― Այո։ Ինձ մոլորության մեջ է գցում ջերմաստիճանը։ Այն բարձրանում է, բայց ոչ այնքան արագ, ինչպես ես սպսում էի։
Կարծես ֆիզիկոսը դժգոհ էր, որ իր հաշվումները սխալ էին դուրս եկել, բայց Պաթի համար նրա խոսքերը առաջին բարի լուրն էին աղետից հետո։
― Միայն թե դուք մի վշտացեք, ո՞վ մեզանից չի սխալվել։ Եվ եթե այդ սխալը մեզ մի քանի ավելի օր ընծայի, ես, համենայն դեպս, ձեզ չեմ պարսավի։
― Բայց ես չէի կարող սխալվել։ Ախր, դա տարրական թվաբանություն է։ Մեզ հայտնի է, թե որքան ջերմություն են ճառագայթում քսաներկու մարդիկ, և այդ ջերմությունը մի կողմով պետք է լինի։
― Քնած մարդը քիչ ջերմություն է արձակում, թերևս բանը դրանո՞ւմն է։
― Կարծես ես կարող էի աչքաթող անել նման մի ակներև հանգամանք, ― գրգռված պատասխանեց գիտնականը։ ― Հասկանալի է, որ քիչ, բայց ոչ այդքան։ Չէ, այստեղ մի ուրիշ բան կա։ Պետք է պատճառ լինի, թե ինչու է ջերմաստիճանը ետ ընկնում իմ գրաֆիկից։
― Ետ է ընկնում ավելի լավ, փառք աստծուն, ― ասաց Պաթը։ ― Իսկ ի՞նչ կասեք դուք այդ ձայնի մասին։
Մըքենզին դժվարությամբ իրեն ստիպեց մտածել նոր հանելուկի մասին։
― Փոշին շարժվում է, իսկ մենք ո՛չ։ Ստացվում է, դա տեղական երևույթ է։ Ավելին, մենք այդ բանը նկատեցինք միայն այստեղ, նավախելում։ Գուցե բանը սրանո՞ւմ է։ Նա ձեռքը պարզեց դեպի միջնորմը։ ― Ի՞նչ կա դրա ետևում։
― Շարժիչները, թթվածնի բալոնները, պաղեցնող հարմարանքը․․․
― Պաղեցնող հարմարա՞նքը։ Դե, իհարկե՛։ Նավ նստելիս ես չէ՞ որ տեսա․․․ Այնտեղ ռադիատորի կողե՞րն են անցնում։
― Միանգամայն ճիշտ է։
― Ուրեմն ամեն ինչ հասկանալի է։ Նրանք այնպես են տաքացել, որ փոշին շրջանառում է հեղուկի պես։ Փոխատարական հոսանքը վերև է տանում մեր ջերմության ավելցուկը։ Բացառված չէ, որ ջերմությունը կայունանա։ Հազիվ թե ցրտի, բայց մենք կապրենք։
Կարմիր կիսախավարում նրանք նայեցին միմյանց, հույս ներշնչելով իրենց։ Պաթը հանգիստ ասաց․
― Ես համոզված եմ, որ դուք կռահեցիք։ Կարծեմ, ձախորդությունները վերացան։
Նա նայեց ժամացույցին և արագորեն ինչ֊որ բան հաշվեց մտքում։
― Այժմ ծովի վրա ծագում է արևը։ Ինչ խոսք, խարսխակայանը փոշեսահնակներ է ուղարկել մեզ փնտրելու համար։ Նրանք մոտավորապես գիտեն՝ որտեղ փնտրել։ Գրազ եմ գալիս, որ նրանք մեզ կգտնեն մի քանի ժամ հետո։
― Այդ մասին ասե՞նք կոմոդորին։
― Թող քնի։ Նա ամենից շատ չարչարվեց։ Այդ նորությունը կարելի է և վաղը հայտնել։
Մըքենզին վերադարձավ իր պոստը։ Պաթը փորձեց նորից քնել, բայց ոչինչ չստացվեց։ Բաց աչքերով պառկած՝ նա մտածում էր ճակատագրի զարմանալի շրջադարձերի վրա։ Այն փոշին, որ սկզբում կուլ տվեց նրանց, հետո սպառնում էր խաշել, հանկարծ օգնության էր գալիս նրանց։ Փոխատարական հոսանքը ավելորդ ջերմությունը մակերես է հանում։ Ճիշտ է, դեռևս հայտնի չէ, թե ինչ կստացվի, եթե բարձրացող արևը Ծարավի ծովի վրա թափի իր ճառագայթների ողջ հզորությունը։
Դրսում փոշին առաջվա նման խշխշում էր, ու Պաթը հանկարծ հիշեց ավազի ժամացույցը, որ մի անգամ նա տեսել էր մանկության ժամանակ։ Շուռ ես տալիս անոթը՝ և ավազը նեղ բերանով թափվում է ներքին անոթի մեջ, հաշվելով րոպեներն ու ժամերը։
Քանի դեռ չէին հորինել զսպանակավոր ժամացույցը, մարդկանցից շատերը ժամանակին հետևում էին թափվող ավազահատիկներով։ Բայց մինչ այսօր (նա հավատացած էր դրանում) ոչ ոք դեռ առիթ չի ունեցել փոշու բարձրացող հոսանքով չափելու իր կյանքի տևողությունը։
Գլուխ յոթերորդ
Կլավիում գլխավոր ադմինիստրատոր Ուլսենը և «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետ Դևիսը հենց նոր էին վերջացրել խորհրդակցել Իրավաբանական բաժնի ներկայացուցիչների հետ։ Խոսակցությունը բնավ էլ ուրախալի չէր․ հիմնականում քննարկում էին այն փաստաթուղթը, որ կլիենտների կյանքի համար պատասխանատվությունը վերցնում է «Լուսնաշրջիկի» գրասենյակի վրայից։ Մինչև «Սելեն» նստելը, բոլոր զբոսաշրջիկները ստորագրել են այդ փաստաթուղթը։ Ընդհուպ մինչև երթուղու բացումը Դևիսը առարկում էր այդ կարգի դեմ, ընդգծելով, թե դա լոկ կխրտնեցնի կլիենտներին, բայց Լուսնային ադմինիստրացիայի իրավաբանները պնդում էին իրենց ասածը։ Այժմ նա ուրախ էր, որ այդպես եղավ։
Նա ուրախ էր նաև այն բանի համար, որ Պորտ֊Ռորիսի իշխանությունները ճիշտ էին կատարել հրահանգները․ չէ որ հաճախ է պատահում, երբ նման բաներին վերաբերվում են որպես երկրորդական ձևականությունների ու լռելյայն աչքաթող են անում կանոնները։ Սեղանի վրա նրանց առջև դրված էր «Սելենի» բոլոր ուղևորների ստորագրություններով թուղթը․ բացակայում էր միայն մեկի ստորագրությունը, որը շփոթության մեջ էր գցել իրավաբաններին։
Ծպտյալ լինելով, կոմոդորը իրեն կոչել էր Ռ․ Ս․ Հանսոն ու ստորագրել էր անընթեռնելի, կարելի էր կարդալ «Հանսոն», և «Հանստեն»։ Քանի դեռ երկրից չեն ստացվել ֆաքսիմիլիները, ոչինչ չես կարող որոշել։ Ասենք, դա նշանակություն էլ չուներ։ Կոմոդորը պաշտոնական հանձնարարություն էր կատարում, և ադմինիստրացիան միևնույն է պատասխանատու է նրա համար։ Ասենք, մնացած ուղևորների համար նույնպես նա կրում է եթե ոչ իրավաբանական, ապա համենայն դեպս բարոյական պատասխանատվություն։
Այսպես թե այնպես, ադմինիստրացիան պարտավոր է անել ամեն հնարավոր բան, որպեսզի գտնի զոհվածներին և ըստ արժանվույն Երկրին հանձնի նրանց աճյունը։ Այս խնդիրը, առանց երկար մտածելու, դրեցին գլխավոր ինժեներ Լոուրենսի լայն ուսերին․ նա դեռևս Պորտ֊Ռորիսում էր։
Նա դեռ երբեք այդպես անտրամադիր ձեռնամուխ չէր եղել մի որևէ բանի, քան այժմ։ Եթե նվազագույն հույս անգամ լիներ, որ «Սելենի» ուղևորները կենդանի են, նա տակնուվրա կաներ ամեն ինչ, որպեսզի հասներ նրանց։ Բայց չէ՞ որ նրանք արդեն զոհվել էին, էլ ինչու փնտրել ու գտնել նրանց, վտանգի ենթարկելով ուրիշների կյանքը։ Ինքն անձամբ գտնում էր, որ Լուսնի հավերժական բլուրները՝ լավագույն գերեզմանն են։
Գլխավոր ինժեներ Լոուրենսը մի վայրկյան անգամ չէր կասկածում, որ ուղևորները զոհված են, այդ էին վկայում բոլոր հանգամանքները։ Ստորերկրյա ցնցումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Սելենը» գրաֆիկի համաձայն, թողնում էր Խառնարանային լիճը, իսկ կիրճի կեսը լցված է փլվածքով։ Այդ ժայռաբեկորներից յուրաքանչյուրը կարող էր փոշեգնացը ճզմել, ինչպես թղթի խաղալիքը։ Օդը մի ակնթարթում դուրս է եկել ճեղքվածքներից և ուղևորները շնչահեղձ են եղել։ Եթե լուսնանավը հրաշքով անվնաս մնացած լիներ, ռադիոկենտրոնը կընդուներ նրա ազդանշանները։ Փոքր ավտոմատ ռադիոփարոսը պատրաստված է այնպես, որպեսզի դիմանա ամեն մի հարվածի ու ցնցումի։ Իսկ եթե նա չի գործում, ուրեմն «Սելենին» թունդ է հասել․․․
Նախ պետք է որոշել, թե որտեղ են փշուրները։ Դա այնքան էլ բարդ հարց չէ, նույնիսկ եթե նրանք թաղված են միլիոնավոր տոննա քարերի տակ։ Կան գեոֆիզիկական սարքեր, ամենաբազմազան մետաղորոնիչներ։ Ճեղքվածքների միջով խցիկից օդը դուրս է պրծել լուսնային դատարկություն (գրեթե դատարկություն)։ Նույնիսկ հիմա, թեպետև անցել է մեկ ժամից ավելի, պետք է ածխածնագազի ու թթվածնի հետքեր լինեն։ Նրանց կհայտնաբերեն ինդիկատորները, որոնց օգնությամբ ստուգվում է տիեզերանավերի հերմետիկությունը։ Հենց որ փոշեսահնակները խարսխակայան վերադառնան՝ վառելանյութ վերցնելու և լիցքավորվելու համար, նա ինդիկատորներով կզինի նրանց ու կուղարկի փլուզումների շրջանը, թող ամեն ինչ հոտոտեն։
Մի խոսքով, նավ գտնելը հնարամտություն չէ։ Բայց նրանց հասնելը շատ ավելի դժվար կլինի։ Այստեղ, ոչինչ չի կարելի խոստանալ, բացի միլիոնների հասնող ծախսերից։ (Տեսնես ի՛նչ կասեր գլխավոր ադմինիստրատորը, եթե լսեր)։ Նախ և առաջ, տեխնիկապես հնարավոր չէ այնտեղ հասցնել ծանր մեքենաներ, որոնք կարողանան շրջել հազարավոր տոննանոց ժայռաբեկորները։ Արագաշարժ փոշեսահնակները ձեռք չեն տա, պետք են լոնդոզերներ (ինչպես դրանք տեղափոխես Ծարավի ծովով) և հելիգնիտի մի քանի հրթիռներ՝ պայթեցման աշխատանքների համար։ Ոչ, այդ հարցը վերանում է։ Իհարկե, կարելի է հասկանալ ադմինիստրատորին․․․ Բայց սիզիֆյան այս աշխատանքը դնել առանց այն էլ ծանրաբեռնված իմ Տեխնիկական վարչության վրա, շատ֊շատ կլինի։
Ու Լոուրենսը ձեռնամուխ եղավ հնարավորին չափ տակտով (գլխավոր ադմինիստրատորից մի «ոչ»֊ով հոգիդ չես ազատի) զեկուցագիր կազմելուն։ Նրա իմաստը հետևյալն էր․ «Ա․ Աշխատանքը գրեթե հաստատ անիրագործելի է։ Բ․ Նույնիսկ եթե հնարավոր լինի կատարել, կպահանջվեն միլիոններ ու բացառված չեն մարդկային նոր զոհերը։ Գ․ Եվ, վերջապես, այս ամենը հնարավոր չէ»։ Բայց փորձիր ասել այդպես ուղղակի․․․ Պետք են նաև պատճառաբանություններ։ Ահա թե ինչու գլխավոր ինժեների զեկուցագիրը վերջնական տեսքով պարունակում էր երեք հազար բառից ավելի։
Թելադրելը վերջացնելով, Լոուրենսը լռեց, մտածելով, թե էլ ինչ կարելի է ավելացնել, ու ոչինչ չգտնելով ավարտեց․ «Գաղտնի»։ Գլխավոր ադմինիստրատորին։ Ֆարսայդի գլխավոր ինժեներին։ Ավագ դիսպետչերին։ «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետին։ Կենտրոնական արխիվ»։
Նա սեղմեց պատճենահանող սարքի կոճակը։ Քսան րոպե՝ տելեֆաքսը նրան հանձնեց նրա զեկուցագրի բոլոր քսան էջերը, անբասիր կերպով արտատպված, կետադրության նշանները տեղը֊տեղին, քերականական սխալներն ուղղված։ Լոուրենսը արագ աչքի անցկացրեց բնագիրը, ստուգելով էլեկտրաքարտուղարուհուն (ըստ սովորության այդ տեսակի բոլոր սարքավորումները վերագրում էին իգական սեռին)։ Էլեկտրաքարտուղարուհին նույնպես երբեմն սխալվում էր, մանավանդ մեծ ծանրաբեռնվածության դեպքում, երբ միաժամանակ թելադրում էին տասը֊քսան հոգի։ Եվ, ընդհանրապես, ոչ մի նորմալ մեքենա չի կարող տիրապետել մի այնպիսի արտառոց լեզվի բոլոր նրբերանգներին, ինչպիսին անգլերենն է։ Էլ չենք ասում այն մասին, որ ամեն մի լրջախոհ մարդ մի վերջին անգամ աչքի է անցկացնում իր զեկուցագիրը, մինչև ղեկավարությանն ուղարկելը։ Ինչպիսի մեծ հիասթափություններ են ապրել նրանք, ովքեր ամբողջովին հույսերը դրել են էլեկտրոնիկայի վրա․․․
Լոուրենսին վեց էջ էր մնացել ստուգելու, երբ հեռախոսն սկսեց զանգահարել։
― Լագրանժ֊2֊ը» կանչում է, ― զեկուցեց գործարկուն (որը ավտոմատ չէր)։ ― Ոմն դոկտոր Լոուսոն ուզում է խոսել ձեզ հետ։
«Լոուսո՞ն։ Դա որտեղի՞ց լույս ընկավ», ― ինքն իրեն հարցրեց գլխավորը։ Եվ անմիջապես հիշեց․ հա, իհարկե, այդ այն աստղագետն է, որ «Սելենը» փնտրում էր հեռադիտակով։ Թերևս նրան հաղորդել են արդեն, որ ավելորդ բան է դա։
Գլխավոր ինժեները դեռևս չէր հանդիպել դոկտոր Լոուսոնին։ Նա չգիտեր, որ տիեզերական աստղագետը շատ դյուրագրգիռ ու շատ շնորհալի մի երիտասարդ է։ Բացի այդ, խիստ կամակոր, որ այս դեպքում ամենից կարևորն էր։
Թոմը արդեն սկսել էր քանդել ինֆրակարմիր տեղարկուն, բայց հանկարծ մտքովն անցավ․ սարքավորումը գրեթե պատրաստ է, ինչո՞ւ թեկուզ հանուն զուտ գիտնական հետաքրքրության՝ չփորձել այն։ Նա հիրավի հպարտանում էր փորձարարի իր տաղանդով, բավականին հազվադեպ այժմ, երբ այսպես կոչված աստղագետների մեծամասնությունը իրականում մաթեմատիկոսներ են և նույնիսկ մոտ չեն եկել աստղադիտարանին։
Միայն համառությունն էր օգնում Լոուսոնին ոտքի վրա մնալու, այնքան որ խիստ հոգնած էր։ Եթե սարքը հիմա չաշխատեր, Թոմը մի կողմ կթողներ փորձարկումը և կպառկեր քնելու։ Բայց երբեմն (շատ հազվադեպ) հմտությունը պսակվում է հաջողությամբ։ Այդպես եղավ նաև այս անգամ․ ինֆրահետախույզը գործեց։ Փոքր֊ինչ կարգավորումից հետո՝ էկրանի վրա տող առ տող, ինչպես հնօրյա հեռուստացույցների վրա, երևաց Ծարավի ծովի պատկերը։
Լուսավոր կետերը համապատասխանում էին համեմատաբար տաք տեղամասին, մութ կետերը՝ սառին։ Ծարավի ծովը գրեթե սև էր, բացառությամբ մի վառ լուսաշերտից այնտեղ, որտեղ արևի ճառագայթները խանձում էին նրա հարթ մակերեսը։ Ուշադրությամբ զննելով, Թոմը մութ ֆոնի վրա նշմարեց հազիվ նկատելի մի հետք՝ ասես Լուսնի լույսով ողողված երկրային այգում խխունջ է սողացել։
Ոչ մի տարակույս․ «Սելենի» ջերմային հետքն է։ Նա տեսնում էր նույնիսկ կեռմանները այն փոշեսահնակների, որոնք դեռևս փնտրում էին նավը։ Բոլոր հետքերը միախառնվում էին Անմատչելիության լեռների մոտ, այնուհետև նրանք կորչում էին տեսադաշտից։
Լոուսոնը շատ հոգնած էր, որպեսզի ուշադրությամբ նայեր էկրանին՝ ասենք չարժեր էլ։ Չէ որ հետքերը միայն հաստատում էին այն, ինչ առանց այդ էլ արդեն հայտնի էր։ Իհարկե, հաճելի է, որ իր հավաքած սարքերից մեկը ևս ենթարկվում է իրեն։ Ձևի համար Թոմը մի լուսանկար հանեց Էկրանից ու գնաց քնելու։
Երեք ժամ հետո Լոուսոնը արթնացավ։ Քուն չէր, այլ տառապանք, նա ամենևին չհանգստացավ, ինչ֊որ մի բան հանգիստ չէր տալիս նրան։ Ինչպես շարժվող փոշու խշշոցը լարեց Պաթ Հարրիսի ուշադրությունը թաղված «Սելենի» մեջ, այնպես էլ Լուսնից հիսուն հազար կիլոմետրի վրա գտնվող Թոմ Լոուսոնին արթնացրեց մի ինչ֊որ չնչին բան, հազիվ նշմարելի մի շեղում նորմայից։ Մարդկային գիտակցությունը պահապան գամփռներ շատ ունի, երբեմն նրանք հաչում են անտեղի, բայց խելացի մարդը երբեք չի արհամարհում ազդանշանները։
Դեռ ինչպես հարկն է չարթնացած, Թոմը դուրս եկավ իր նեղ սենյակից, կառչեց փոխադրական պարանից և զրոյական ձգողակնությամբ անցումների երկայնքով սահեց դեպի աստղադիտարան։ Կիսաբերան բարի լույս մաղթեց (թեև արբանյակի վրա արդեն պայմանական երեկո էր) այն պաշտոնակիցներին, որոնք չհասցրին մի կողմ թեքվել, ու շտապեց մենակ մնալ իր սիրած սարքերի հետ։
Նա լուսանկարչական խցիկից դուրս քաշեց նկարը և նայեց։ Մի կարճ հետք Անմատչելիության լեռներից ձգվում էր դեպի Ծարավի ծովը՝ ընդհատվելով ափից ոչ հեռու։
Թոմը տեսել էր այդ հետքը մի քանի ժամ առաջ, երբ նայում էր էկրանին՝ չէր կարող չտեսնել։ Եվ ուշադրություն չէր դարձրել նրա վրա։ Լուրջ, գրեթե աններելի վրիպում գիտնականի համար։ Թոմ Լոուսոնը իսկականից ջղայնացավ իր վրա։ Դիտունակությունը չպետք է կախված լինի հապճեպ եզրահանգումներից։
Բայց, այնուհանդերձ, ինչ կնշանակի այդ։ Խոշորացույցով զինված, Թոմը մանրախնդրորեն զննում էր ամբողջ շրջանը։ Լուսավոր շերտը վերջանում էր մի անորոշ բծով, ― տեղում այդ մի «անորոշը» մոտ երկու հարյուր մետր էր կազմում տրամագծով։ Տարօրինակ է, կարելի է կարծել, որ «Սելենը» լեռները թողնելով, տիեզերանավի նման թռել է։
Սկզբում Թոմը որոշեց, որ նավը պայթել է և ջերմային բիծը՝ պայթյունի հետքն է։ Բայց այդ դեպքում բեկորները պետք է մնային փոշե ծովի մակերեսին։ Եվ փոշեսահնակները կգտնեին դրանք։ Ահա և պարզ երևում է փոշեսահնակի հետքը, որն անցել է հենց այստեղով։
Ուրեմն, այլ պատասխան պետք է որոնել։ Մի տարբերակ է մնում միայն՝ ու բոլորովին անհավանական։ Անհնար է պատկերացնել, որ հսկայական Լուսագնացը սուզվել է Ծարավի ծովը լոկ այն պատճառով, որ նրանից ոչ հեռու տեղի է ունեցել ստորերկրյա ցնցում։ Ոչ, ոչ, չի կարելի միայն մի լուսանկարից ելնելով, կապվել Լուսին և ասել․ «Դուք այնտեղ չեք փնտրում»։ Թեև Թոմը ձևացնում էր, որ իր համար միևնույնն է ուրիշների կարծիքը, նա խիստ վախենում էր անախորժ դրության մեջ ընկնելուց։ Մինչև այդ ֆանտաստիկ տեսության մասին բարձրաձայն խոսելը, հարկվոր է ուրիշ վկայություններ ևս ձեռք բերել։
Այժմ արդեն պայծառ լույսով ողողված Ծովը հեռադիտակով դիտելիս միանգամայն հարթ էր երևում։ Տեսողական դիտումը միայն հաստատում էր այն, ինչում Թոմ Լոուսոնը համոզվել էր դեռևս մինչև արևածագը․ փոշե հարթության վրա ոչ մի թումբ անգամ չկար։ Ինֆրակարմիր տեղարկուն նույնպես չօգնեց։ Ջերմային հետքերը կորան, ջնջեցին արևի ճառագայթները։
Թոմը սարքը հարմարեցրեց ծայրագույն զգայունության ու մի անգամ ևս զննեց այն տեղամասը, որտեղ հետքը ընդհատվում էր։ Հանկարծ մի որևէ նշույլ մնացած լինի, ջերմային բիծ՝ բավական նկատելի, որպեսզի հնարավոր լինի նրան հայտնաբերել նույնիսկ հիմա, երբ Լուսնի վրա բացվել է արշալույսը․․․ Չէ որ արևը նոր֊նոր է ծագել, նրա ճառագայթները դեռևս չեն հասել իրենց կործանիչ ուժգնությանը։
Այս ի՞նչ բան է․․․ Մի՞թե ինձ թվում է։ Ծայրահեղ լարվածության դեպքում սարքը կարող է սխալվել, սակայն Թոմ Լոուսոնը վստահ էր, որ էկրանի վրա տեսնում է հազիվ նշմարելի առկայծում ճիշտ այնտեղ, որտեղ ընդհատվում էր հետքը լուսանկարի վրա։
Բայց այս ամենը այնքան անհամոզիչ է։ Ո՞ր գիտնականը կհամարձակվի իրեն դնել քննադատության կրակի տակ, ունենալով այդքան խախուտ տվյալներ․․․ Լռե՞լ։ Եվ ոչ ոք ոչինչ չի իմանա, ― բայց ամբողջ կյանքում նրան կհետապնդի կասկածը։ Իսկ պատմել իր ենթադրության մասին՝ նշանակում է հույս ներշնչել, որը կարող է ունայն դուրս գալ։ Մեկ էլ տեսար ծիծաղատեղի կդառնաս արեգակնային ողջ համակարգությունով մեկ կամ կմեղադրեն ինքնագովեստով զբաղվելու մեջ։
Բայց մի երրորդ հնար չկա, պետք է որոշել։ Շատ դժկամորեն, հիանալի հասկանալով, որ այդ քայլն անելուց հետո չի լինի նահանջել, Թոմը վերցրեց հեռախոսի լսափողը։
― Խոսում է Լոուսոնը, ― ասաց նա։ ― Ինձ միացրե՛ք Լուսնի հետ, շտա՛պ։
Գլուխ ութերորդ
«Սելենի» ուղևորներին մատուցած նախաճաշը առանձնապես ընտիր չէր, բայց բավականին սննդարար էր։ Ճիշտ է, ուղևորներից շատերը դժգոհ էին․ թխվածքն ու մի խտածոն, մի գդալ մեղրն ու մի բաժակ տաք ջուրը չէին համապատասխանում առատ հացկերույթի մասին նրանց պատկերացմանը։ Սակայն կոմոդորը անդրդվելի էր։
― Հայտնի չէ, ինչքան մենք կնստենք այստեղ, ― ասաց նա։ ― Եվ վախենում եմ, ստիպված պետք է լինենք յոլա գնալ առանց տաք կերակուրի։ Նախ, պատրաստելու տեղ չկա, երկրորդ, խցիկում առանց այն էլ շոգ է։ Ցավոք, չի լինի նաև թեյ կամ սուրճ։ Ազնվորեն ասած, մեզ ամենևին էլ չէր խանգարի մի քանի օր կրճատել կալորիաների սպառումը։
Այս խոսքերն ասելուն պես Հանստենի մտքով տիկին Շաստերն անցավ․ չընդունի՞ հանկարծ որպես իր դեմ ուղղված հարձակում․․․ փաստաբանի կինը զբաղեցնում էր մեկ ու կես բազկաթոռ, առանց սեղմիրանի նա հիշեցնում էր բարեհոգի գետաձիու։
― Վերևում հենց նոր ծագել է արևը, ― շարունակեց կոմոդորը։ ― Փրկարարները աշխատում են ամբողջ թափով, այժմ միայն ժամանակի հարց է, թե երբ կգտնեն մեզ։ Նույնիսկ կարելի է գրազ գալ։ Ձեր ենթադրությունները հայտնեցեք միսս Մոռլիին ― նա պահում է նավային օրամատյան։ Իսկ այժմ օրվա ծրագրի մասին։ Պրոֆեսոր Ջայավարդեն, դուք չե՞ք պատմի, թե ինչով կարող է մեզ ուրախացնել Զվարճությունների հանձնաժողովը։
Վտիտ, թռչնագլուխ և անսպասելիորեն բարեհամբույր շագանակագույն մեծ աչքերով պրոֆեսորը շատ լուրջ էր վերաբերվել զվարճության հարցին։ Այդ էին պերճախոս վկայում այն թերթիկները, որ նա բռնել էր իր բարակ թուխ ձեռքում։
― Ինչպես ձեզ հայտնի է, ― սկսեց նա, ― ես թատրոնի սիրահար եմ։ Սակայն վախենում եմ այս դեպքում ոչինչ չստացվի։ Հետաքրքրիր կլիներ պիեսը կարդալ գործող անձերով, ես նույնիսկ մտածում էի հիշողությամբ գրի առնել մի քանի գործողություն։ Բայց ափսո՜ս, որ թուղթը քիչ է։ Ուրեմն, պետք է այլ ելք փնտրել։ Նավում եղած գրականությունը շատ չէ, և որոշ գրքեր խիստ մասնակի բնույթ են կրում։ Բայց ունենք երկու վեպ՝ դասական վեստերն՝[2] «Շեյնի» համալսարանական հրատարակությունը ու «Նարինջ ու խնձոր» նոր պատմավեպը։ Առաջարկում եմ առանձնացնել մի քանի ընթերցողներ և այդ գրքերը բարձրաձայն կարդալ։ Կա՞ն առարկություններ, կամ այլ առաջարկներ։
― Մենք ուզում ենք պոկեր խաղալ, ― լսվեց մի կորովի ձայն խցի պոչամասից։
― Բայց ախր չի կարելի անընդհատ պոկեր խաղալ, ― առարկեց պրոֆեսորը, հանդես բերելով այդ կարգի մարդկանց հոգեբանության իմացություն։
Նրան օգնության եկավ կոմոդորը։
― Ընթերցումը պոկերին չի խանգարում, ― ասաց նա։ Իսկ ընդհանրապես ես ձեզ խորհուրդ եմ տալիս երբեմն ընդմիջում անել, այդ խաղաթղթերը երկար չեն դիմանա։
― Եվ այսպես, ո՞ր գրքից ենք սկսում, և ո՞վ է կարդալու։ Ես հաճույքով կկարդամ, բայց լավ կլինի մի փոխարինող նախապատրաստել։
― Ըստ իս, չարժե ժամանակ վատնել «Նարինջ և խնձորի» վրա, ― միջամտեց միսս Մոռլին։ Դա՝ պարզապես անպետք գիրք է, ը՜․․․համարյա պոռնիկագրական։
― Որտեղի՞ց գիտեք դուք, ― հարցրեց Դեվիդ Բարրետը, թեյը գովող անգլիացին։
Պատասխանը եղավ զայրալից քրթմնջոցը։ Պրոֆեսոր Ջայավարդենը շվարեց և մտահոգ նայեց կոմոդորին, պաշտպանություն փնտրելով նրա մոտ։ Իզուր։ Հանստենը սևեռուն հայացքով նայում էր ուրիշ կողմ։ Պետք չէ, որպեսզի ուղևորները ամեն հարցով իրեն դիմեն։ Թող, որքան հնարավոր է առանց իրեն յոլա գնան։
― Շատ լավ, ― վերջապես ասաց պրոֆեսորը։ ― Որպեսզի չվիճենք, սկսենք «Շեյնից»։
Բողոքարկու բացականչություններ լսվեցին․ «Մենք «Նարինջ ու խնձորն ենք ուզում»։ Սակայն պրոֆեսորը անսպասելի հաստատակամություն հանդես բերեց։
― Դա շատ ձգձգված գիրք է, ― պատասխանեց նա, ― հազիվ թե մենք հասցնենք ավարտել այն մինչև փրկարարների երևալը։
Ջայավարդենը կոկորդը մաքրեց, մի հայացք գցեց շուրջը համոզվելու համար չկան այլևս առարկողներ, ապա սկսեց կարդալ շատ հաճելի քաղցրահունչ ձայնով։
― Նախաբան․ «Վեստերնի դերը տիեզերական դարում»։ Հեղինակ՝ անգլերեն լեզվի պրոֆեսոր Կարլ Ադամս։ Նախաբանի հիմքում ընկած են Չիկագոյի համալսարանի քննադատության սեմինարի աշխատանքները։
Թղթամոլները դեռևս չէին ավարտել իրենց գործը․ նրանցից մեկը տենդագին տնտղում էր թղթի կտորները, որոնք որպես խաղաթուղթ էին ծառայում։ Մնացած ուղևորները բազմեցին իրենց տեղերում ավելի հարմար։ Ոմանց աչքերը արտահայտում էին ձանձրույթ, մյուսներինը՝ հետաքրքրություն։ Միսս Ուիլքինզը օդահանքի խցիկում ստուգում էր պարենի պաշարը։ Հեզահամբույր ձայնը շարունակում էր․
― Մեր հարյուրամյակի ամենաանսպասելի իրադարձություններից մեկը եղավ «վեստերն» անվան տակ հայտնի, կես դար շարունակ շնորհազրկված ժանրի վերածնունդը։ Այդ վեպերը, որոնց գործողությունը պարզորոշ սահմանափակված է տեղով և ժամանակով՝ Երկիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մոտավորապես 1865 ―1880 թվականները, ― երկար ժամանակ դասվում էին աշխարհի ամենահանրամատչելի գրքերի շարքը։ Լույս աշխարհ եկան միլիոնավոր վեստերններ, գրեթե բոլորն էլ տպագրվում էին էժանագին ամսաթերթերում կամ հրապարակ էին գալիս առանձին, գարշելի ձևավորված գրքույկներով։ Սակայն այդ միլիոններից որոշ գործեր ունեին ինչպես գրական, նույնպես և վավերագրական արժեք, թեև պետք է միշտ հիշել, որ հեղինակները նկարագրում էին այնպիսի անցքեր, որոնք տեղի են ունեցել իրենց ծնունդից առաջ։
Երբ քսաներորդ դարի յոթանասունական թվականներին մարդը ձեռնամուխ եղավ արեգակնային համակարգության յուրացմանը, ամերիկյան Արևմուտքի սահմանները այնքան ծիծաղաշարժ նեղ թվացին, որ ընթերցողը կորցրեց հետաքրքրությունը նրա հանդեպ։ Իհարկե, դա նույնքան անտրամաբանական է, որքան եթե մերժեն «Համլետը» այն պատճառաբանությամբ, թե դանիկան մի կորած֊մոլորած ամրոցում տեղի ունեցած դեպքերը չէին կարող ունենալ համաշխարհային նշանակություն։
Սակայն վերջին տարիներս նկատելի է մի տեսակ հակառակ տեղաշարժ։ Արժանահավատ աղբյուրներից ինձ հայտնի է, որ վեստերները դարձել են ամենատարածված գրական ժանրը տիեզերքը ակոսող միջմոլորակային տիեզերանավերի գրադարաններում։ Ուստի եկեք փորձենք հասկանալ այդ օղակը, որ հինավուրց ամերիկյան Արևմուտքը կապում է նոր Տիեզերքի հետ։
Դրա համար, ավելի լավ է վերանալ մեր ժամանակակից գիտական նվաճումներից ու մտովի տեղափոխվել 1870֊ական թվականների չափազանց պարզունակ աշխարհը։ Պատկերացրեք ձեզ մի հսկայածավալ, մշուշապատ հեռուներում կորչող հարթավայր, մառախլապատ լեռներով շրջապատված։ Այդ հարթավայրով անտանելիորեն դանդաղ սողում է ծանրաշարժ ֆուրգոնների քարավանը։ Քարավանը պահպանում են զինված հեծյալներ, չէ որ շուրջը հնդկական բնակատեղիներ են։ Մինչև լեռները հասնելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան արդիական լավագույն տիեզերանավերին Երկրից Լուսին թռչելու համար։ Ահա թե ինչու, այն ժամանակվա մարդկանց համար լայնատարած տափաստանները նույնքան ընդարձակ էին, որքան արեգակնային համակարգության տարածությունները մեզ համար։ Սա մեզ վեստերնների հետ կապող օղակներից մեկն է։ Կան նաև ուրիշները, ավելի կարևորները։ Դրանք պատկերացնելու համար անհրաժեշտ է, նախ քննության առնել դյուցազներգության դերը գրականության մեջ․․․»։
«Կարծես ամեն ինչ կարգին է», ― մտածում էր կոմոդորը։ Մեկ ժամից ավելի կարդալ չարժե։ Այդ ժամանակաընթացքում պրոֆեսորը կվերջացնի նախաբանը և կկարդա վեպի մի քանի գլուխ։ Իսկ ապա՝ կարելի է մեկ այլ զբաղմունք գտնել։ Ավելի լավ է ընթերցանությունը ընդհատել մի շատ հուզիչ միջադեպի վրա, որպեսզի ունկնդիրները անհամբերությամբ սպասեն շարունակությանը։
Լուսնային փոշու մեջ գերության երկրորդ օրը սկսվեց առանց բարդությունների, լավ տրամադրությամբ։ Բայց դեռևս քանի՞ օր կար առջևում․․․
Այս հարցի պատասխանը կախված էր երկու հոգուց, որոնք, թեպետ նրանց բաժանում էր հիսուն հազար կիլոմետր, հենց սկզբից միմյանց դեմ լցվեցին չարակամությամբ։ Դոկտոր Լոուսոնի հաշվետվությունը հակասական զգացումներ ծնեց գլխավոր ինժեների հոգում։ Այդ աստղագետը տգեղ խոսելակերպ ունի, եթե հատկպես նկատի ունենանք, որ պատանին դիմում է պետին, որը երկու անգամ իրենից մեծ է։ «Նա ինձ հետ այնպես է խոսում, ― սկզբում ներողամտաբար, ապա ավելի ու ավելի բարկանալով մտածեց Լոուրենսը, ― ասես ես մի հիմար երեխա լինեմ, որին պետք է ամեն ինչ ծամել ու բերանը դնել․․․»։
Լսելով Լոուսոնին, գլխավոր ինժեները մի քանի վայրկյան լռությամբ զննեց տելեֆաքսի հաղորդած լուսանկարները։ Առաջինը, որ արվել էր մինչև արևի ծագելը, կարծես համոզիչ էր, սակայն, դեռևս ոչինչ չէր ապացուցում։ Արևածագից հետո արված լուսանկարի վրա չի երևում այն, ինչի մասին ասում էր աստղագետը։ Գուցև նախօրինակի վրա մի բան նկատելի է, բայց եկ ու հավատա անդուր երիտասարդի խոսքին։
― Այս ամենը շատ հետաքրքիր է, ― վերջապես ասաց Լոուրենսը, ― բայց ափսոս, որ դուք չեք շարունակել դիտումները առաջին լուսանկարը անելուց հետո։ Եթե այդպես անեիք, թերևս մենք ավելի համոզիչ տվյալներ ունենայինք։
Թեև քննադատությունը տեղին էր (իսկ գուցեև հենց այդ պատճառով), Թոմը համբերությունից դուրս եկավ։
― Եթե դուք գտնում եք, որ մեկ ուրիշը ավելի լավ կաներ․․․ ― գազազած ասաց նա։
― Ինչ եք ասում, ես այդ մասին անգամ չէի էլ մտածում, ― խաղաղասիրաբար պատասխանեց Լոուրենսը։ ― Բայց ի՞նչ կտա այդ ամենը մեզ։ Որքան էլ ձեր մատնանշած կետը փոքր լինի, նրա կոորդինատները կարող են տատանվել կես կիլոմետրի, իսկ թերևս նաև ավելինի սահմաններում։ Վախենում եմ, որ մակերևույթի վրա ոչինչ չի երևում, նույնիսկ ցերեկը։ Հնարավոր չէ՞ արդյոք ավելի ստույգ տվյալներ ունենալ։
― Կարելի է։ Շատ հեշտությամբ․ միևնույն տեխնիկան պետք է կիրառել Լուսնի վրա։ Տեղամասը հետազոտեք ինֆրակարմիր տեղարկուով։ Նա անմիջապես ցույց կտա բոլոր ջերմային կետերը, եթե նույնիսկ նրանց ջերմաստիճանը չնչին չափով բարձր է շրջակա միջավայրի ջերմաստիճանից։
― Վատ միտք չէ, ― ասաց գլխավորը։ ― Ես կտեսնեմ, թե ինչ կարելի է անել, ու կկապվեմ ձեզ հետ, եթե ինձ հարկ լինի էլի որևէ բան իմանալ։ Շնորհակալ եմ․․․ դոկտոր։
Լոուրենսը շտապ ցած դրեց լսափողը, ճակատը սրբեց ու անմիջապես խնդրեց, որպեսզի իրեն նորից միացնեն արբանյակի հետ։
― «Լագրանժ֊2»։ Ըրթսայդի գլխավոր ինժեներն է խոսում։ Կայանի պետին, խնդրեմ․․․ Պրոֆեսոր Կոտելնիկո՞վ։ Լոուրենսն է․․․ Շնորհակալ եմ, առողջությունս վատ չէ։ Ես հենց նոր խոսեցի ձեր դոկտոր Լոուսոնի հետ․․․ Չէ, չէ, նա ոչինչ չի արել, բայց քիչ էր մնացել համբերությունից հաներ։ Լոուսոնը փնտրել է մեր կորած փոշեգնացը, ու նրան թվում է, որ գտել է այն։ Ինձ համար շատ կարևոր է իմանալ, թե որքա՞ն ձեռնահաս է նա։
Հաջորդ հինգ րոպեում գլխավոր ինժեները բավականաչափ շատ բան իմացավ երիտասարդ դոկտոր Լոուսոնի մասին․ թերևս, նույնիսկ ավելին, քան կարող էր իմանալ նա ի պաշտոնե։ Օգտվելով առիթից, որ պրոֆեսոր Կոտելնիկովը մի պահ ընդհատեց, որպեսզի շունչ քաշի, Լոուրենսը կարեկցաբար նկատեց․
― Այժմ հասկանում եմ, թե ինչու եք նրա հետ հաշտվում։ Խեղճ երիտասարդ, իսկ ես կարծում էի, թե որբանոցները վերջացել են Դիկենսով ու քսաներորդ դարով։ Փա՜ռք աստծո, որ որբանոցը այրվել է։ Դուք կարծում եք նա՞ է հրկիզել։ Լավ, դա կարևոր չէ, դուք ասացիք, որ նա հիանալի դիտորդ է, և այդ բավական է ինձ համար։ Շատ շնորհակալ եմ։ Միգուցե հյո՞ւր գայիք մեզ մի առիթով։
Լոուրենսը կես ժամվա ընթացքում կապվեց Լուսնի վրա գտնվող տասնյակ տարբեր կայանների հետ։ Նա հարուստ տեղեկություններ հավաքեց․ այժմ պետք էր գործել։
«Պլատոն աստղադիտարան։ Պատեր Ֆերրարոն գտնում էր, որ Լոուսոնի կռահումը միանգամայն ճշմարտանման է։ Ինքը նույնպես արդեն կասկածում էր, որ լուսնաշարժի օջախը Ծարավի ծովի, այլ ոչ թե Անմատչելիության լեռների տակ է։ Սակայն չի կարող ապացուցել, որովհետև Ծարավի ծովը խեղդում է բոլոր տատանումները։ Ոչ, խորքերի լրիվ քարտեզը դեռևս կազմված չէ, իսկ ողջ հատակը արձագանքաչափով տնտղելը՝ շատ երկարատև ու ծանր աշխատանք է։ Ինքը անձամբ որոշ տեղեր իջեցրել է հեռադիտակային զննաձողը, ամենուրեք խորությունը քառասուն մետիրց չէր անցնում։ Իր հաշվումներով, միջին խորությունը մոտ տասը մետր է, ափերի երկայնքով՝ ավելի սաղր։ Ինֆրակարմիր հայտնակ (դետեկտոր) չունի ինքը, բայց, միգուցե, Ֆարսայդի աստղագետները կարո՞ղ են օգնել։
«Դոստոևսկի»։ Ցավոք սրտի, ինֆրակարմիր հայտնակ չկա։ Մենք աշխատում ենք ուլտրամանիշակագույնի գոտում։ Փորձեցեք հարցում անել «Վեռն»֊ին։
«Վեռն»։ Այո, մենք աշխատել ենք ինֆրակարմիր գոտում, մի քանի տարի առաջ կատարել ենք կարմիր հսկաների լուսակաչափումներ։ Բայց պատկերացրեք՝ որքան էլ լուսնային մթնոլորտը նոսր է, խանգարումներ կային։ Ստիպված էինք հետազոտությունները փոխադրել տիեզերք։ Իսկ դուք հարցում արեք «Լագրանժին»․․․
Ապա Լոուրենսը Դիսպետչերականին խնդրեց հաղորդել իրեն Երկրից դուրս եկող տիեզերանավերի չվացուցակը։ Պատասխանը նրան ձեռք էր տալիս, բայց հաջորդ քայլը բավականին ծախսեր էր պահանջում, որ կարող էր թույլատրել միայն գլխավոր ադմինիստրատորը։
Ուլսենը մի հոյակապ հատկություն ուներ․ նա երբեք անտեղի չէր վիճում ենթակաների հետ այն հարցերի մասին, որոնք գտնվում էին նրանց լիազորությունների շրջանակում։ Ուշադիր կերպով լսելով Լոուրենսին, գլխավոր ադմինիստրատորը անմիջապես ամփոփեց․
― Եթե աստղագետը կռահել է, ― ասաց նա, ― հույս կա, որ նրանք դեռևս կենդանի են։
― Ոչ միայն հույս՝ ես գրեթե համոզված եմ դրանում։ Չէ՞ որ ծովը սաղր է, ուրեմն, նրանք չէին կարող սուզվել շատ խորը։ Ճնշումը նավիրանի վրա այնքան էլ մեծ չէ, այնպես որ կարող էր դիմանալ։
― Եվ դուք ուզում եք, որպեսզի այդ Լոուսոնը օգնի որոնումների գործում։
Գլխավոր ինժեները ձեռքերը տարածեց։
― Ուզում եմ։ Ոչ, ես չէի ցանկանա գործ ունենալ նրա հետ։ Բայց վախենում եմ, առանց նրա մենք պարզապես գլուխ չենք հանի։
Գլուխ իններորդ
«Աուրիգա բեռնատար տիեզերանավի հրամանատարը մոլեգնում էր, անձնակազմը նույնպես, բայց ստիպված էին ենթարկվելու։ Երկրից դուրս գալուց տասը ժամ հետո, երբ հինգ ժամվա թռիչք էր մնացել մինչև Լուսին, հրաման ստացվեց մոտենալ «Լագրանժին»։ Արագության կորուստ, լրացուցիչ հաշվարկներ․․․ Դրան ավելացրած նաև այն, որ Կլավիի փոխարեն վայրէջք պետք է կատարել այդ խուլ անկյունում, Պորտ֊Ռորիսում, համարյա Լուսնի հակառակ կողմը։ Դեպի Հարավային կիսագնդի տարբեր ծայրերը թռան ճաշկերույթներն ու հանդիպումները վերացնող ռադիոգրեր․․․
«Աուրիգան» կանգ առավ «Լագրանժ֊2֊ից» հարյուր կիլոմետր հեռավորության վրա․ հեռվում փայլում էր արծաթավուն լիալուսինը՝ ամբողջովին չեչոտ, արևելյան երկարությամբ լեռների ծածանքով բոլորազարդ։ Արբանյակին հարյուր կիլոմետրից պակաս չէր կարելի մոտենալ․ հրթիռի ապարատներից առաջ եկած խանգարումները ինչպես նաև շարժիչների ճառագայթումը խախտում էին տիեզերական կայանի զգայուն սարքերի աշխատանքը։ Միայն քիմիական վառելանյութով գործող հին հրթիռներին էր թույլատրվում թռչել «Լանգրանժի» մոտով, պլազմային ու ատոմային շարժիչների համար արգելք էր սահմանված։
Թոմ Լոուսոնը երկու ճամպրուկներով (փոքրում հագուստեղենը, մեծում՝ սարքերը) տեղական հաղորդակցության հրթիռով թողեց «Լագրանժ֊2֊ը» և քսան րոպե անց բեռնատար տիեզերանավի վրա էր։ Օդաչուն չէր շտապում, չնայած «Աուրիգայից» նրան շտապեցնում էին։ Նոր ուղևորին դիմավորեցին բավականին սառնությամբ։ Իհարկե, Լոուսոնին միանգամայն այլ կերպ կընդունեին, եթե իմանային նրա հանձնարարության մասին, սակայն գլխավոր ադմինիստրատորը հրամայել էր այդ ամենը դեռևս գաղտնի պահել։ Ինչո՞ւ ազգականներին հույսեր տալ, որոնք կարող են և չարդարանալ։ «Լուսնաշրջիկի» պետը ուզում էր անհապաղ տեղեկացնել մամուլին՝ թող տեսնեն, որ նրանք անում են ամեն ինչ, ինչ կարող են։ Բայց Ուլսենը կտրականապես առարկեց․
― Սպասնեք, տեսնենք ինչ կստացվի։ Իսկ ապա՝ խնդրեմ, հրավիրեցեք լրատվական գործակալությունների ձեր բարեկամներին։
Նրա կարգադրությունը ուշացավ․ «Աուրիգայի» վրա էր գտնվում «Ինտերփլանիթ֊նյուս» գործակալության բաժնի վարիչ Մորիս Սպենսերը, որը թռչում էր իր նոր ծառայության վայրը Կլավիում։ Սպենսերը դեռևս չգիտեր, արդյո՞ք դա պաշտոնի բարձրացում էր Պեկինից հետո, թե ընդհակառակը։ Այնուամենայնիվ, փոփոխություն էր․․․
Ի տարբերություն մյուս ուղևորների, նա բոլորովին չէր վրդովվում ուղղությունը փոխելու կապակցությամբ։ Ուշացումը նրան չէր անհանգստացնում, ընդհակառակը, լրագրողը միշտ ուրախ պետք է լինի անսովորի համար, նա պոկվում է տաղտուկ առօրեականից։ Միթե հետաքրքրական չէ․ դեպի Լուսին մեկնող նավը վատնում է մի քանի ժամ ու հսկայական էներգիա, որպեսզի կես ճանապարհին վերցնի մի նոթոթ երիտասարդի՝ երկու ճամպրուկներով։ Իսկ ինչո՞ւ Կլավիի փոխարեն Պորտ֊Ռորիս։ «Կարգադրել են Երկրից, հրամանը վերևից է», ― բացատրեց նավապետը։ Երևում է, իսկապես, նա ավելին չգիտի։
Մի խոսքով, հանելուկ է։ Իսկ հանելուկները՝ Սպենսերի համար հաց ու ջուր են։ Նա փորձեց կռահել, թե ինչումն է բանը։ Եվ շատ հեռու չէր իսկությունից։
Տարակույս չկա, դա առնչվում է կորած փոշեգնացի հետ, որի մասին այնքան խոսք ու զրույց էր գնում Երկրի վրա հենց նրանց մեկնելու օրերին։ Ու «Լագրանժի» վրա աշխատող այդ գիտնականը կամ ինչ֊որ բան գիտի փոշեգնացի մասին, կամ կարող է օգնել նրա որոնումներին։ Բայց ինչո՞ւ այդպես գաղտնի։ Գուցե մի որևէ վրիպում կամ խայտառակությո՞ւն կա, որը Լուսնային ադմինիստրացիան փորձում է թաքցնել։ Այլ պատճառ Սպենսերը չէր կարողանում պատկերացնել։
Նա չէր շտապում զրույցի բռնվել Լոուսոնի հետ ու հաճույքով դիտում էր, թե ինչպիսի հակահարված էին ստանում այն ուղևորները, որոնք փորձում էին խոսակցության բռնվել նորեկի հետ։ Մորիս Սպենսերը սպասում էր իր հերթին, և այն հասավ վայրէջքից երեսուն րոպե առաջ։
Պատահական չէր, որ Սպենսերը հայտնվեց Լոուսոնի կողքին, երբ արգելակումից առաջ խնդրեցին տեղավորվել բազկաթոռներում և ձգել գոտիները։ Նրանց հետ ևս տասնհինգ ուղևորներ նայում էին հեռուստատեսային էկրանին, որի վրա սրընթաց մոտեցող Լուսինը նույնիսկ ավելի պայծառ էր թվում, քան իրականում։ Մթնեցրած խցիկում ասես հինավուրց ստվերատան ներսում լինեիր․ տիեզերանավերի կոնստրուկտորները կտրականապես հրաժարվել էին լուսանցույցեր անելուց՝ խիստ խոցելի համարելով դրանք։
Բնատեսարանը արագորեն խոշորանում էր․ մի հիասքանչ, անմոռանալի պատկեր էր այդ, բայց Սպենսերը կես աչքով էր նայում։ Նրան հետաքրքրում էր հարևանի դեմքը, նրա արծվային պրոֆիլը, որը կարելի էր զանազանել էկրանի թույլ լույսով։
― Կարծեմ, այնտեղ մի ինչ֊որ տեղ է կորել զբոսաշրջիկներով նավը, այնպես չէ՞, ― իբր պատահաբար խոսեց նա։
― Այո, ― մի քիչ ուշացումով պատասխանեց Թոմը։
― Ես շատ վատ գիտեմ Լուսնի աշխարհագրությունը․․․
Դուք չէ՞ք լսել, թե որտեղ է պատահել դեպքը․․․
Մորիս Սպենսերը դեռևս շատ վաղուց էր բացահայտել, որ տեղեկություն կարելի է կորզել նույնիսկ ամենաանմարդամոտ մեկից։ Հարկավոր է միայն զրուցակցին ներշնչել, որ նա շնորհ է անում ձեզ։ Ու չէ որ հրապուրիչ է սեփական լավատեղյակությամբ պարծենալը։ Այս խորամանկությունը տասից ինը դեպքերում հաջողություն էր բերում․ այդպես եղավ նաև այժմ։
― Նրանք ա՜յ այնտեղ են գտնվում, ― ասաց Թոմ Լոուսոնը՝ մատնացույց անելով էկրանի կենտրոնը։ ― Ահա Անմատչելիության լեռները, նրանք բոլոր կողմերից շրջապատված են Ծարավի ծովով։
Անկեղծ հուզմունքով Սպենսերը նայում էր ուղիղ դեպի իրենց սուրացող մերթ սևին ու մերթ սպիտակին տվող լեռները։ Միայն թե օդաչուն, լինի մարդ կամ ավտոմատ, չնենգադավի․ ախր շատ արագ են նրանք ընկնում։ Բայց հանկարծ նա նկատեց, որ լեռները՝ իրենց շրջապատող գորշ բծի հետ դեպի աջ են գնում։ Ուրեմն, հրթիռը շրջվում է դեպի մի այնպիսի կետ, որը գտնվում է էկրանի ձախ կողմում։ Փա՜ռք աստծուն, այնտեղ ավելի հարթ է։
― Պորտ֊Ռորիսը, ― հանկարծ սեփական նախաձեռնությամբ խոսեց Թոմը, ու Սպենսերը ձախ կողմում նկատեց սևին տվող մի կետ։ ― Մենք գնում ենք այնտեղ։
― Այ դա լավ է։ Թե չէ չեմ սիրում վայրէջք կատարել լեռներում, ― պատասխանեց լրագրողը, խոսակցությունն ուղղելով իրեն հարկավոր հունի մեջ։ ― Եթե խեղճերին քշել տարել է այդ քաոսի մեջ, հաշվիր, որ կորած են, չեն գտնի։ Բայց կարծեմ նրանք մնացել են լեռնահյուսքերի տակ, այնպես չէ՞։
Թոմը ներողամտաբար ժպտաց։
― Ճիշտ այդպես․ կարծեմ։
― Ինչ, իսկ մի՞թե այդպես չէ։
Թոմ Լոուսոնը զգաց, որ ավելորդ բան ասաց։
― Ավելին չեմ կարող ասել ձեզ, ― պատասխանեց նա՝ գոռոզ ու մեծամիտ։
Սպենսերը էլ վրա չտվեց։ Նա բավականին բան իմացավ, որպեսզի որոշի․ Կլավին կսպասի, այժմ ավելի կարևոր է Պորտ֊Ռորիսը։
Նա վերջնականապես ամրապնդեց իր մտադրությունը, երբ (ոչ առանց նախանձի) տեսավ, թե ինչպես դոկտոր Թոմ Լոուսոնը երեք րոպեում անցավ բժշկական, մաքսային, ներգաղթային, արժութային և բոլոր այլ տեսակի զննումները։
Եթե մի կողմնակի անձ ականջ դներ ու լսեր, թե ինչ է կատարվում «Սելենի» խցում, նա շատ կզարմանար։ Փոշեգնացի ներսում սկիզբ առած խմբերգը այնքան էլ բարեհնչյուն չէր։ Քսանմեկ հոգի, յուրաքանչյուրը իր ուզածի պես, երգում էր․
― Երջանիկ ծնունդ։
Երբ աղմուկը լռեց, կոմոդոր Հանստենը հարցրեց․
― Միսիս Ուիլյամսից բացի, էլ ո՞վ հիշեց, որ հենց այսօր է ծնվել։ Ես հասկանում եմ, որոշ կանայք մի որոշ տարիքից հետո ծածկամիտ են դառնում․․․
Ոչ ոք այլևս չխոստովանեց, բայց ընդհանուր հռհռոցի մեջ լսվեց Դանկեն Մըքենզիի ձայնը․
― Ի դեպ, ծննդյան օրերի մասին․ քանիցս գրազ եմ տարել այդ առթիվ։ Տարին ունի երեք հարյուր վաթսունհինգ օր՝ ինչքա՞ն մարդ պետք է հավաքել միասին, որպեսզի նրանցից երկուսի միևնույն օրը ծնված լինելու հավանականությունը հիսուն տոկոսից ավելին կազմի։
Մի պահ լռություն տիրեց, բոլորը մտածում էին, ապա ինչ որ մեկը պատասխանեց․
― Ըստ իս, երեք հարյուր վաթսունհինգը պետք է բաժանել երկուսի։ Ստացվում է հարյուր ութսուն հոգի։
― Պատասխանը բնական է՝ բայց ոչ ճիշտ։ Քսանհինգ հոգին բավական է։
― Անհեթեթությո՛ւն։ Քսանհինգ օր երեք հարյուր վաթսունհինգից․․․ Այդպիսի հարաբերակցություն չի ստացվի։
― Ներեցեք, բայց դա այդպես է։ Իսկ եթե հավաքենք քառասունից ավելի մարդ, հարյուրից իննսունի դեպքում հնարավոր է, որ երկուսի ծննդյան օրը կհամընկնի։ Մենք ընդամենը քսաներկու հոգի ենք, բայց եկեք փորձենք, դեմ չե՞ք կոմոդոր։
― Ամենևին։ Ես մեկ֊մեկ կմոտենամ ու կհարցնեմ։
― Ոչ, ոչ, ― առարկեց Մըքենզին։ ― Մեկն ու մեկը կարող է խարդախել։ Տարեթվերը հարկավոր է գրել այնպես, որպեսզի պատասխանները չլսեն։
― Ինչ֊որ մեկը զոհաբերեց գրեթե մաքուր մի թուղթ տուրիստական ուղեցույցից․ թուղթը պատառոտեցին քսաներկու մասի ու բաժանեցին։ Երբ ետ հավաքեցին, պարզվեց, որ Պաթ Հարրիսն ու Ռոբերտ Բրայանը ծնվել են մայիսի 23֊ին։ Բոլորը զարմանում էին, իսկ Մըքենզին հրճվում էր։
― Պարզապես զուգադիպությո՜ւն է, ― եզրափակեց մի թերահավատ, ու մի քանի ուղևորներ անմիջապես մաթեմատիկական թեժ վիճաբանության բռնվեցին։
Այդ ամենը չէր գրավում կանանց՝ կամ նրանց մաթեմատիկան չէր հետաքրքրում, կա՛մ էլ նրանք խուսափում էին խոսք բաց անել ծծնդյան օրվա մասին։
Վերջապես կոմոդորը որոշեց, որ ժամանակն է փոխել զբաղմունքի առարկան։
― Տիկնա՛յք և պարոնա՛յք, անցնենք մեր ծրագրի հաջորդ կետին։ Հաճույքով հայտնում եմ ձեզ, որ Զվարճությունների հանձնաժողովը՝ միսիս Շաստերի և պրոֆեսոր Ջայա․․․ մի խոսքով, մեր հարգելի պրոֆեսորի կազմով, հորինել է մի կատակ, որը կարծում եմ, բավականին հրճվանք կպատճառի մեզ։ Նրանք առաջարկում են կազմել մի դատարան և ներկա գտնվողներից յուրաքանչյուրի խաչաձև հարցաքննություն կատարել։ Դատարանի խնդիրն է պարզել, թե ինչո՞ւ ճանապարհորդության համար մենք հենց Լուսինն ենք ընտրել։ Իհարկե, մեր մեջ կգտնվեն այնպիսիները, որոնք չեն ցանկանա պատասխանել։ Ով գիտե, ― գուցե այստեղ եղածներից շատերը թաքնվում են ոստիկանությունից կամ սեփական կնոջից։ Խնդրեմ, կարող եք հրաժարվել, բայց չնեղանաք, որ դրանից մենք տհաճ եզրակացություն հանենք ձեր վերաբերյալ։ Դե, դուր եկա՞վ մեր առաջարկությունը։
Ոմանք այն ընդունեցին խանդավառորեն, ոմանք էլ իրենց հավանություն չտալը արտահայտեցին հեգնական բացականչություններով, բայց ոչ ոք կտրականապես դեմ չեղավ, և կոմոդորը գործի կպավ։ Կարծես ինքնըստինքյան այնպես ստացվեց, որ նրան ընտրեցին դատարանի նախագահ, իսկ Իրվինգ Շաստերին դատախազ նշանակեցին։
Բազկաթոռների առաջին կարգը երեսով դարձրին դեպի խուցը։ Այստեղ տեղեր գրավեցին նախագահն ու դատախազը։ Երբ ամեն ինչ պատրաստ էր ու դատարանի քարտուղարը (այսինքն Պաթ Հարրիսը) ներկաներին կարգի հրավիրեց, նախագահը խոսք վերցրեց։
― Այժմ մենք մեղավորության հարցը չենք վճռում, ― ասաց նա, հազիվ պահելով դեմքի լրջությունը։ ― Մենք պետք է որոշենք, արդյոք առկա է հանցակազամ։ Եթե վկաներից որևէ մեկը գտնի, որ իմ գիտնական պաշտոնակիցը ճնշում է գործադրում նրա վրա, կարող է բողոքել դատարանին։ Քարտուղարին խնդրում եմ հրավիրել առաջին վկային։
― Ը․․․ ը՜մ․․․ Ձերդ մեծապատվություն, իսկ ո՞վ է առաջին վկան, ― տեղից հարց տվեց քարտուղարը։
Տասը րոպեանոց մի դիսկուսիա պահանջվեց՝ դատարանի, դատախազի ու հանդիսականների վիճաբանության սիրահարների մասնակցությամբ, որպեսզի լուծվեր այդ կարևոր խնդիրը։ Վերջ ի վերջո որոշեցին վիճակ հանել․ առաջինը պատասխանելու վիճակն ընկավ Դեվիդ Բարրետին։
Հազիվ նկատելի ժպիտը դեմքին՝ վկան առաջ անցավ ու իր տեղը գրավեց նեղ միջանցքում՝ բազկաթոռների միջև։
Իրվինգ Շաստերը, որը սպիտակեղենով քիչ էր նման պաշտոնական անձնավորության, խիստ դեմք ընդունելով՝ կոկորդը մաքրեց։
― Ձեր անունը Դեվիդ Բարրե՞տ է։
― Ճիշտ այդպես։
― Ձեր զբաղմո՞ւնքը։
― Մեքենաշինարար֊ինժեներ, ներկայումս կենսաթոշակառու։
― Միստր Բարրետ, պատմեք դատարանին, թե հատկապես ի՞նչն է բերել ձեզ Լուսին։
― Ես ուզում էի տեսնել, թե ինչ բան է Լուսին ասածդ։ Ճանապարհորդությունների համար ժամանակ ունեմ, դրամ՝ նույնպես։
Իրվինգ Շաստերը ակնոցի հաստ ապակիների միջով ծուռ֊ծուռ նայում էր Բարրետին։ Նա արդեն նկատել էր, որ նման հայացքը շփոթեցնում է վկաներին։ Ակնոց կրելը քսանմեկերորդ դարում օտարոտի էր, բայց բժիշկներն ու իրավաբանները, մանավանդ հասակավորները, դեռևս օգտվում էին նրանից։ Ավելին, ակնոցը պրոֆեսիայի մի տեսակ խորհրդանիշ էր դարձել։
― Դուք «ուզում եք տեսնել», ― կրկնեց Շաստերը Բարրետի խոսքերը։ ― Դա բացատրություն չէ։ Ինչո՞ւ էիք ուզում։
― Ինձ թվում է, ձեր հարցը խիստ անորոշ է ձևակերպված։ Ինչո՞ւ է սովորաբար մարդ վարվում այսպես, և ոչ թե այլ կերպ։
Կոմոդոր Հանստենը գոհունակությամբ ժպտաց։ Դա հենց այն է, ինչ նա ուզում էր․ թող որ ուղևորները վիճեն ու քննարկեն մի այնպիսի հարց, որը հետաքրքրի բոլորին ու միևնույն ժամանակ ո՛չ վիրավորանք պատճառի, ո՛չ էլ կրքեր բորբոքի։ (Իսկ, եթե հանկարծ նման վտանգ ծագի, իրենից է կախված դատարանում կարգ ու կանոն հաստատելը)։
― Ես ընդունում եմ, ― շարունակեց փաստաբանը, ― որ իմ հարցը ճշտման կարիք ունի։ Կփորձեմ այն ձևակերպել այլ կերպ։
Նա մի փոքր մտածեց, տնտղելով իր թղթերը՝ ընդամենը ուղեցույցի մի քանի էջ։ Լուսանցքներում ձևականության համար Շաստերը մի քանի դիտողություններ գրեց։ Նա չէր սիրում դատարանում մերկապարանոց ելույթ ունենալ։ Քանի֊քանի անգամ իր գործառության ժամանակ, թղթերի հետ մի քանի վայրկյանի կարծեցյալ խորհրդակցությունը, անգնահատելի օգուտ է տվել իրեն։
― Ճի՞շտ կլինի արդյոք ասել, որ Լուսինը ձեզ գրավել է իր բնապատկերի գեղեցկությամբ։
― Այո, մասամբ նաև այդ։ Ես թերթում էի ուղեցույցները, դիտում կինոնկարներն ու ինքս ինձ հարցնում, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։
― Եվ ինչպիսի՞ եզրակացության եք եկել այժմ։
― Ես կասեի, ― չոր պատասխանեց վկան, ― որ իրականությունը գերազանցեց բոլոր սպասելիքներս։
Նրա խոսքերը ծիծաղ առաջ բերին։ Կոմոդորը թխկթխկացնում էր իր բազմոցի թիկնակին։
― Կարգի՛ եմ հրավիրում, ― բացականչեց նա։ ― Այլապես ստիպված կլինեմ խանգարողներին հեռացնել դատարանի դահլիճից։
Ինչպես և ինքն էր սպասում, այդ դիտողությունը առաջ բերեց ծիծաղի մի նոր, էլ ավելի ուժեղ պոռթկում։ Հանստերը ուղևորներին հնարավորություն տվեց լիուլի ծիծաղելու։ Վերջապես բոլորը լռեցին, ու Շաստերը շարունակեց հարցաքննությունը։ Նա ամբողջովին մտել էր իր դերի մեջ։
― Դա շատ հետաքրքիր է, միստեր Բարրետ։ Դուք թռել եկել եք Լուսին, այդքան փող եք ծախսել, որպեսզի հիանաք տեսարաններով։ Ասացեք խնդրեմ, դուք առիթ ունեցե՞լ եք տեսնելու Գրանդ֊Կանյոնը։
― Ոչ, իսկ դո՞ւք։
― Ձերդ մեծապատվություն, ― օգնության կանչեց Շաստերը նախագահողին։ ― Վկան անվայել է պահում իրեն։
Կոմոդորը խիստ հայացքով նայեց Բարրետին, բայց նա ամենևին չշփոթվեց։
― Միստր Բարրետ, հարցաքննողը դուք չեք։ Ձեր գործը պատասխանելն է, և ոչ թե հարց տալը։
― Միլորդ, ես ներողություն եմ խնդրում դատարանից, ― պատասխանեց վկան։
― Հը՜մ․․․ Մի՞թե «միլորդ» եմ ես, ― անվստահորեն Հանստենը դիմեց Շաստերին։ ― Ինձ թվում էր, որ ես «Ձերդ մեծապատվություն» եմ։
Իրավագետը լրջախոհ դարձավ։
― Ես առաջարկում եմ, ձերդ մեծապատվություն, որպեսզի յուրաքանչյուր վկա պահպանի այն վարվելաձևերը, որոնց նա սովոր է իր երկրում։ Դա միանգամայն թույլատրելի է, քանի դեռ պատշաճ հարգանք է ցուցաբերում դատարանի հանդեպ։
― Լավ։ Շարունակեցե՛ք։
Շաստերը նորից շրջվեց դեպի վկան։
― Կցանկանայի իմանալ, միստր Բարրետ, թե ինչո՞ւ դուք հարմար նկատեցիք մեկնել Լուսին, թեև ինչպես հարկն է դեռ չեք ծանոթացել Երկրին։ Դուք որևէ ծանրակշիռ պատճառաբանություն ունե՞ք արդյոք անտրամաբանական վարմունքի համար։
Հարցը շատ լավ էր տրված, ճիշտ այնպես, որ կարող էր հետաքրքրել բոլորին, և Բարրետը ջանաց համոզիչ պատասխան տալ։
― Ես բավականին լավ գիտեմ Երկիրը, ― դանդաղ սկսեց նա խիստ ընդգծված անգլերեն արտասանությամբ՝ նույնքան հազվադեպ, որքան և ակնոցը։ ― Ապրել եմ «Էվերեստ» հյուրանոցում, եղել եմ երկու բևեռներում, նույնիսկ իջել եմ Կալիպսո իջվածքի հատակը։ Մի խոսքով, քիչ բան չեմ տեսել և հարազատ մոլորակը այլևս ոչնչով չէր կարող զարմացնել ինձ։ Իսկ ինչ֊որ մեկ օրվա հեռավորության վրա՝ Լուսինն է, մի ամենևին նոր, այլ աշխարհ։ Նորությունն էլ հենց հրապուրեց ինձ։
Հանստենը միայն ականջի ծայրով էր լսում հանգամանալից, անշտապ վերլուծությունը։ Քանի Բարրետը խոսում էր, նա անարգել կարող էր ուսումնասիրել մյուսներին։ Կոմոդորը արդեն հասցրել էր պատկերացում կազմել անձնակազմի և ուղևորների մասին, որոշել էր, ում վրա կարելի է հույս դնել, ումից սպասել նենգություն, եթե վիճակը վատանար։
Ամենահուսալին, իհարկե, նավապետ Հարրիսն է։ Կոմոդորը քաջ ծանոթ էր այդ կարգի մարդկանց, հաճախ էր հանդիպել նրանց տիեզերքում, օրինակ Աստրոտեխում։ (Երբ Հանստենը դասախոսություններով հանդես էր գալիս այնտեղ, նրա առջև միշտ նստած էին զուսպ, խնամքով սափրված Պաթ Հարրիսոններ)։ Պաթը, որ դեպի տեխնիկան ունեցած հակումներով, բայց փառամոլությունից զուրկ մի երիտասարդ է, հենց իր ուժերին համապատասխան աշխատանք եր գտել այնպիսի մի տեղում, ուր նրանից պահանջվում էր սոսկ զգուշություն ու բարեկրթություն։ (Հանստերը չէր կասկածում, որ սիրունատես ուղևորուհիները նրա մոտ առանձնապես գնահատում էին երկրորդ արժանիքը)։ Նա բարեխիղճ է, կարգապահ, մի փոքր չոր, ազնվաբար կկատարի իր պարտականությունը և, ի տարբերություն շատ ավելի շնորհալի մարդկանց, կմեռնի քաջաբար, առանց գանգատվելու։ Դա հատկապես կարևոր կլինի այստեղ՝ փոշեգնացում, եթե նրանց չփրկեն հինգ օր հետո։
Ստյուարդուհի միսս Ուիլքինզի պատասխանատվությունը փոքր չէր։ Դա տիեզերական ստուարդուհու շաբլոն տիպ չէ՝ անալի հմայք ու անկենդան ժպիտ։ Հանստենը արդեն կարողացել է որոշել, որ միսս Ուիլքինզը հաստատակամ ու բարեկիրթ աղջիկ է։ Սակայն նույն բանը կարելի էր ասել նաև նրա պրոֆեսիայի շատ աղջիկների մասին։
Մի խոսքով, անձնակազմի կողմից նրա բախտը բանել էր, իսկ ուղևորնե՞րը։ Անշուշտ, նրանք աչքի ընկնող մարդիկ են, այլապես Լուսնի վրա չէին լինի։ «Սելենի» մեջ հավաքված էին բավականին խելք ու տաղանդ, բայց հենց կացության անհեթեթությունն այն էր, որ ո՛չ խելքը և ո՛չ էլ շնորհքը նրանց չեն փրկի։ Այստեղ կարևորը բնավորությունը, հոգեկան կորովն է, պարզապես ասած՝ արիությունը։
Քսանմեկերորդ դարում շատ քչերին էր հարկավոր ֆիզիկական քաջությունը։ Մարդիկ ծննդյան օրից մինչև մահ ոչ մի անգամ վտանգին դեմ֊հանդիման չեն նայում։ «Սելենի» ուղևորները պատրաստ չէին նման փորձությունների, իսկ խաղերով ու զվարճություններով հեռու չես գնա։
Տասներկու ժամ չանցած, մտքում ասաց կոմոդորը, առաջ կգա առաջին ճեղքվածքը, երբ հայտնի կդառնա, որ ինչ֊որ խոչընդոտ խանգարում է փրկարարներին, և որ այդ հապաղումը կարող է ճակատագրական լինել։
Հանստենը մեկ անգամ ևս շուրջը նայեց։ Եթե հաշվի չառնենք նրանց ոչ այնքան էլ վայելուչ տեսքը, առայժմ նրանք բոլորը մնում են հասարակության բանական ու զուսպ անդամներ։
Նրանցից ո՞վ առաջինը տեղի կտա․․․
Գլուխ տասներորդ
Դոկտոր Թոմ Լոուսոնի նկատմամբ, հետևեցրեց գլխավոր ինժեներ Լոուրենսը, չի կարելի կիրառել «Գիտենալ՝ նշանակում է ներել» վաղեմի սկզբունքը։ Նա գիտեր, որ Լոուսոնին որբանոցային մանկություն էր վիճակվել, ծնողական սիրուց ու գուրգուրանքից զուրկ, որ աստղագետը մարդ է դարձել սեփական խելքի շնորհիվ, ի վնաս մարդկային բոլոր մնացած հատկությունների։ Նա կարող էր հասկանալ Լոուսոնին, բայց այնուամենայնիվ նա իրեն դուր չէր գալիս։ «Զարմանալի անբարեբախտություն, ― ինքն իրեն ասում էր Լոուրենսը, ― երեք հարյուր հազար կիլոմետր բոլորտիքը գտնվող գիտնականներից միայն այդ տիպն ունի ինֆրակարմիր տեղարկու, ու միայն նա գիտի դրա հետ վարվել․․․»։
Այդ նույն պահին Թոմ Լոուսոնը, «Փոշեսահնակ֊2֊ի» դիտորդի բազկաթոռին նստած, ավարտում էր արտաքուստ անպաճույճ, բայց միանգամայն աշխատելու ունակ կոնստրուկցիայի հարմարեցումը։ Տեղարկուն դրած էր եռոտանու վրա, որը ամրացված էր փոշեսահնակի տանիքին և կարող էր պտտվել ուզածդ ուղղությամբ։
Կարծես բանում է․․․ Սակայն դժվար է երաշխավորել․ այս նեղ հերմետիկ տիեզերանավաշենքում բազմաթիվ են ջերմության ամեն տեսակի աղբյուրները։ Միայն ծովի վրա կարելի է կլինի իսկականից ստուգել։
― Պատրաստ է, ― վերջապես զեկուցեց Լոուսոնը գլխավոր ինժեներին։ ― Թույլ տվեք մի քանի թելադրություններ անել այն մարդուն, որը պետք է աշխատի տեղարկուով։
Ինչպե՞ս վարվել․․․ Գլխավորը ուշադիր նայեց աստղագետին։ Այնուամենայնիվ, ուժեղ փաստարկները խոսում են և՛ թեր, և՛ դեմ, չի կարելի ղեկավարվել միայն անձնական զգացումներով։ Շատ լուրջ գործ է։
Դուք կարո՞ղ եք աշխատել տիեզերական սկաֆանդրով, ― հարցրեց նա Լոուսոնին։
― Երբեք կյանքումս չեմ հագել։ Նա պետք է միայն դրսի աշխատանքների համար, իսկ դա ինժեներների գործն է։
― Այ, հենց սովորելու առիթ է ստեղծվում ձեզ համար, ― պատասխանեց գլխավոր ինժեները՝ ուշադրություն չդարձնելով կծու խոսքերին։ (Եթե ընդհանրապես դա կծու խոսք է։ Ըստ երևույթին, աստղագետի անքաղաքավարիությունը ավելի շատ բացատրվում է բարեկրթության կանոնների անգիտությամբ, քան դրանց գիտակցական արհամարումով)։ Փոշեգնացի վրա դա այնքան էլ դժվար չէ։ Ձեզ համար հանգիստ կնստեք դիտորդի բազկաթոռին։ Ավտոմատ կարգավորիչը ինքն է հետևում թթվածնին, ջերմաստիճանին և այլնին։ Մի բան է միայն ինձ մտահոգում․․․
― Իսկ ի՞նչ։
― Դուք չե՞ք տառապում կլոստրոֆոբիայաով։
Թոմը կարկամեց։ Իհարկե, տիեզերք մեկնելուց առաջ նրան ինչպես հարկն է ստուգեցին, սակայն կասկածում էր, և ոչ իզուր, որ հոգեբանական որոշ փորձեր նա հազիվ֊հազ անցավ։ Ինչ խոսք, նա խիստ արտահայտված կլոստրոֆոբ չէ, այլապես նրան ուղղակի տիեզերանավ չէին թողնի։ Բայց տիեզերանավը մի բան է, սկաֆանդրը՝ այլ բան։
― Կդիմանամ, ― ասաց նա վերջապես։
― Միայն չբռնանաք ձեզ վրա, ― խստությամբ ասաց Լոուրենսը։ ― Ցանկալի է, որեպսզի դուք գաք մեզ հետ, բայց կեղծ հերոսություն ձեզանից քամել չեմ ուզում։ Մի բան եմ միայն խնդրում ձեզանից, որոշեցեք, մինչև տիեզերանավակայանից մեր դուրս գալը։ Հետո, ափից քսան կիլոմետր հեռավորության վրա, այլևս ուշ կլինի փոշմանել։
Թոմը նայեց փոշեսահնակին ու մտածմունքի մեջ ընկավ։ Նման դյուրաբեկ շինվածքով դժոխային փոշե ծովի վրայով սլանալու միտքն անգամ նրան խելահեղություն էր թվում։ Բայց այդ մարդիկ ամեն օր լինում են այնտեղ։ Եվ եթե սարքավորումը հանկարծ ըմբոստանա, ինքը գոնե կփորձի շտկել այն։
― Ահա ձեր վրայով սկաֆանդր, ― շարունակեց Լոուրենսը։ ― Փորձեք, թերևս օգնի ձեզ որոշել։
Թոմը վրա քաշեց առաձգական զգեստը, որը հենց ձգտում էր կուչ գալ, կոճկեց առջևի մետաղյա ճարմանդը ու ձգվեց։ Նա դեռ չէր հագել սաղավարտը, բայց արդեն հարմար չէր զգում իրեն։ Զգեստին ամրացված թթվածնի բալոնը շատ փոքրիկ էր թվում նրան։ Լոուրենսը որսաց աստղագետի մտահոգ հայացքը։
― Մի հուզվեք, դա ընդամենը չորսժամյա վթարային պաշարն է։ Ձեզ պետք չի գա։ Հիմնական բալոնները փոշեսահնակի վրա են։ Իսկ այժմ զգույշ․․․ Սաղավարտը չճխլի քիթդ։
Շուրջը կանգնածների դեմքերից Թոմը հասկացավ, որ մոտենում է վճռական պահը։ Քանի դեռ սաղավարտը չես հագել, դեռ մարդկության մի մասնիկն ես․ հետո մենակ ես մնում փոքրիկ մեխանիկական աշխարհում։ Ու թեև մյուս մարդկանցից քեզ բաժանում է ընդամենը մի քանի սանտիմետր, նրանց նայում ես հաստ պլաստիկի միջով, խոսում ռադիոյով, նրանց հետ չես կարող շփվել այլ կերպ, քան արհեստական «կաշվի» կրկնակի շերտի միջոցով։ Ինչ֊որ մեկը մի ժամանակ գրել է, թե տիեզերական սկաֆանդրում մահը՝ մենակության մեջ մահ է։ Առաջին անգամը լինելով, Թոմի մտքով անցավ, որ այդ բառերի հեղինակը, թերևս ճիշտ էր․․․
Հանկարծ սաղավարտի մեջի փոքրիկ դինամիկներից լսվեց գլխավոր ինժեների բամբ ձայնը։
― Շատ հասարակ է ամեն ինչ, խոսակցության հարմարանքի կոճակները՝ աջ կողմում են։ Սովորաբար դուք կապի մեջ եք վարորդի հետ։ Քանի դեռ երկուսդ էլ փոշեսահնակի վրա եք, շղթան միշտ միացված է, ինչքան ուզում եք կարող եք խոսել։ Իսկ երբ շղթան ընդհատվի՝ անցնում եք ռադիոկապին, ինչպես հիմա լսում եք ինձ։ Խնդրեմ, սեղմեք «Հաղորդում» կոճակը և պատասխանեք։
― Իսկ սա ի՞նչ կարմիր կոճակ է՝ «վթարայի՞ն», հարցրեց Թոմը, կատարելով գլխավոր ինժեների հրամանը։
― Հուսով եմ․․․ հարկ չի լինի ձեզ օգտվել դրանից։ Այդ կոճակը միացնում է հաղորդիչ փարոսը, որը ազդանշաններ կուղարկի եթեր այնքան ժամանակ, մինչև ձեզ կգտնեն։ Առանց մեր ցուցումի ոչնչի ձեռք մի տվեք, հատկապես կարմիր կոճակին։
― Լավ, ― պատասխանեց Թոմը։ ― Գնացինք։
Նկատելի անվարժությամբ, քանի որ դեռ չէր սովորել ո՛չ նոր զգեստին, ո՛չ էլ լուսնային ձգողականությանը, նա քայլեց դեպի «Փոշեսահնակ֊2֊ր» ու նստեց դիտորդի աթոռին։ Բարակ փողրակը՝ մի յուրատեսակ պորտալար, որ հագնում էր աջ ազդրի վրա գտնվող բույնին, զգեստը միացնում էր թթվածնի բալոններին, ինտերկոմի՝ փոխհաղորդիչի ու էլեկտրացանցի հետ։ Ծայրահեղ դեպքում այդ հարմարությունը նրան հնարավորություն կտա ձգելու, թեկուզ առաց կոմֆորտի, երեք չորս օր․․․
Փոքրիկ տիեզերակայանը նախատեսված էր ճիշտ երկու փոշեսահնակի համար, և մի քանի րոպեում պոմպերը այնտեղից դուրս մղեցին ամբողջ օդը։ Սկաֆանդրը անմիջապես նկատելիորեն կայունացավ, ու երկյուղը միանգամից պատեց Թոմին։ Գլխավոր ինժեներն ու երկու վարորդները նայում էին նրան։ Նրանք չեն տեսնի նրա վախը, այդպիսի հաճույք նա չի պատճառի նրանց։ Բայց թե՝ ով չի վարանի, երբ կյանքում առաջին անգամ է հանդիպում վակուումին։
Դուռը լայն բացվեց, ու ասես անտեսանելի մատները Լոուսոնին առաջ հրեցին․ հանգարից դուրս պրծավ օդի վերջին մնացորդը։ Ու նրանց առջևում տարածվեց Ծարավի ծովի գորշ ու ամայի հարթությունը, որ հասնում էր մինչև հորիզոն։
Անհավատալի է։ Մի՞թե իր աչքերով այժմ տեսնում է այն, ինչին մինչ այդ նայում էր տիեզերքից։ (Տեսնես, ո՞վ է հիմա նայում հարյուրսանտիմետրանոց հեռադիտակով։ Այս պահին իր պաշտոնակիցներից ո՞վ է հերթապահում այնտեղ, Լուսնից շատ ու շատ հեռվում)։ Սա արդեն էկրանի վրա հրեղեն էլեկտրոնների նկարած պատկերը չէ, այլ այն անհյուրընկալ ու անկերպարան նյութը, որ անհետ կուլ է տվել քսաներկու հոգի։ Եվ այդ հարթության վրայով ինքը՝ Թոմ Լոուսոնը պետք է գնար այդպիսի մի անհաստատ շինվածքով․․․
Սակայն խորհելու ժամանակ չկար։ Ոտքերի տակ զգում էր թեթև դողդողոց՝ պտուտակներն են պտտվում։ «Փոշեսահնակ֊1֊ի» հետևից նրանք սկսեցին սահել Լուսնի մակերեսով։
Պորտ֊Ռորիսի շենքի գցած ստվերից դուրս գալուն պես, նրանց դիմավորեցին ծագող արևի ճառագայթները։ Նույնիսկ պաշտպանական ավտոմատ ճառագայթակալներով վտանգավոր էր նայել արևելյան մասում մոլեգնող սպիտակա֊երկնագույն բոցը։ «Կա՛ց, ― ուղղեց իրեն Թոմը, ― չէ որ ես Երկրի վրա չեմ, այլ Լուսնի, այստեղ արևը ծագում է արևմուտքում։ Ուրեմն, մենք գնում ենք դեպի հյուսիս֊արևելք Ցողի ծովախորշը, «Սելենի» գնացած ճանապարհով․․․»։
Պորտ֊Ռորիսի ցածր գմբեթները հորիզոնի ետևն էին անցնում, և արագության զգացումը ասես թևավորում էր Թոմին։ Բայց երկար չտևեց․ երբ կողմնորոշ բոլոր առարկաները տեսողությունից կորան, այնպիսի պատրանք ստեղծվեց, ասես նրանք անշարժ մնացել էին անեզր հարթության կենտրոնում։ Չնայած պտուտակների հռնդյունին ու անաղմուկ դեպի ետ թռչող նավահետքին, փոշեսահնակը կարծես կանգնած լիներ։ Թոմը գիտեր․ մի երկու ժամվա ընթացքում նրանք կկտրեն֊կանցնեն ամբողջ Ծովը, ու այնուամենայնիվ ջանում էր ձերբազատվել այն ծանր զգացումից, թե իբր լուսատարիներ են բաժանում իրենց մնացած մարդկությունից։ Ու հոգու խորքում, թեպետ մի փոքր ուշ, նա հարգանքով լցվեց դեպի այն մարդիկ, որոնց հետ այժմ աշխատակցում էր։
Դե, սարքը ստուգելու իսկական ժամանակն է․․․ Տեղարկուն միացնելով, Թոմը ուղղեց դեպի այն կողմը, որտեղի դուրս էին եկել։ Եվ գոհունակությամբ նկատեց պայծառ լուսավորված զոլը Ծովի մութ հարթության վրա։ Իհարկե, դա դատարկ բան էր տեղարկուի համար․ առավոտյան շատ ավելի ուժեղ տապի ֆոնի վրա «Սելենի» սառչող ջերմային հետքը հայտնաբերելը միլիոն անգամ ավելի բարդ էր։ Եվ, այսուհանդերձ, թեթևացած շունչ քաշեց․ եթե սարքը ընդհանրապես չաշխատեր այստեղ, կարելի էր միանգմից խաչ քաշել այս ամենի վրա։
― Է՜, ինչպե՞ս է, ― հարցրեց գլխավոր ինժեները։ Ըստ երևույթին նա իր փոշեսահնակից հետևում էր Թոմի շարժուձևին։
― Սարքն աշխատում է, ― զգուշությամբ պատասխանեց Թոմը։ ― Կարծես, ամեն ինչ կարգին է։
Նա տեղարկուն ուղղեց դեպի Երկրի նեղ մանգաղը։ Ավելի դժվար թիրախ է, ասենք, ոչ այնքան դժվար․ մեծ զգայունություն չի պահանջում տիեզերական գիշերվա սառը շնչով պարուրված հարազատ մոլորակի քնքուշ ջերմությունը որսալու համար։
Ահա և Երկրի ինֆրակարմիր պատկերը․․․ Տարօրինակ, առաջին հայացքից նույնիսկ տարակուսանքի մեջ գցող տեսարան է։ Երկրաչափական կատարյալ ձև ունեցող պարզորոշ մանգաղի փոխարեն նա տեսնում էր տափակած մի սունկ, որի ոտքը ձգվում էր հասարակածի երկայնքով։
Մի քանի վայրկյան պահանջվեց պատկերը իմաստավորելու համար։ Երկու բևեռներն էլ կտրված են, դե դա հասկանալի է, նրանք շատ սառն են, նման զգայունության դեպքում նրանց չես հայտնաբերի։ Բայց սա ի՞նչ շողարձակում է մոլորակի գիշերային, չլուսավորված մասում։ Դե, իհարկե, նա տեսնում է արևադարձային օվկիանոսների ճառագայթումը, նրանք խավարին են հանձնում ցերեկը կուտակված ջերմությունը։ Ինֆրակարմիր լուսապատկերի վրա արևադարձային գիշերը շատ ավելի լուսավոր էր, քան բևեռային ցերեկը։
Մի ավելորդ հիշեցում այն ճշմարտության, որ երբեք չպետք է մոռանա գիտնականը․ մարդու զգայարանները ընկալում են լոկ տիեզերքի մասնակի և աղճատված պատկերը։ Թոմ Լոուսենը երբեք չէր լսել Պլատոնի այն միտքը, որ մարդիկ նման են քարայրի բանտարկյալին, որը ձգտում է պատի վրա արտացոլվող ստվերով պատկերացում կազմել արտաքին աշխարհի մասին։ Մինչդեռ նրա փորձը, հավանաբար, Պլատոնի սրտովը կլիներ։ Ո՞րն է «իսկական» Երկիրը։ Աչքով տեսանելի անբասիր մանգաղ՞ը, ինֆրակարմիր փրչոտ սո՞ւնկը, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսը։
Աշխատասենյակը նեղլիկ էր նույնիսկ Պորտ֊Ռորիսի համար, որը ծառայում էր որպես տարանցիկ կայան Ըրթսայդի ու Ֆարսայդի միջև, ինչպես նաև Ծարավի ծով այցելող զբոսաշրջիկների հավաքատեղի։ («Ճիշտ է, այդ երթուղին կարծես կորցրել էր երբեմնի հմայքը․․․)։ Մի երեսուն տարի առաջ Պորտ֊Ռորիսը բոլորի շուրթերին էր․ այն ժամանակ այստեղ գործի վրա էր «լուսնային» ոչ մեծաթիվ հանցագործներից մեկը՝ Ջերրի Բադկերը, որը քիչ հարստություն չդիզեց «Լուննիկ 2֊ի» կեղծած բեկորների վաճառքից։ Իհարկե, իր հռչակով նա չէր կարող համեմատվել Ռոբին Հուդի կամ Բիլլի Քիդի հետ, բայց Լուսնի վրա Բադկերը նույնպես հեղինակություն էր։
Մորիս Սպենսերը նույնիսկ ուրախ էր, որ Պորտ֊Ռորիսը մի այդպիսի խաղաղ անկյուն է։ Ու չէ որ միայն կարճ ժամանակով՝ մանավանդ, եթե Կլավիի նրա պաշտոնակիցները տեղեկանան, որ «Ինթերպփլանիթ նյուսի» բաժնի պետը ինչ֊ինչ պատճառներով խրվել, մնացել է Ռորիսում և չի շտապում հարավ, որտեղ հրապուրիչ կերպով փայլում են մեծ քաղաքի (52.647 բնակչությամբ) լույսերը։ Երկիր ուղարկված ծածկագիր ռադիոհեռագիրը, ըստ երևույթին, ադեն հանգստացրել է ղեկավարությանը․ նրանք սովորել են ապավինել նրա ինտուիցիային ու գլխի ընկել, թե բանն ինչումն է։ Վաղ թե ուշ այդ բանը կհասկանան նաև մրցակիցները, բայց մինչ այդ Մորիս Սպեսները հույս ուներ առաջ ընկնել նրանցից։
Հիմա նա մշակում էր «Աուրիգայի» դեռևս դժգոհ նավապետին։
Նավապետ Անսոնը հենց նոր ավարտեց իր երկար (մի ժամ տևած) ու շատ անախորժ հեռախոսային խոսակցությունը Կլավիի հետ։ «Մըքայվեր, Մըքդոնալդ, Մըքքարտի և Մըքքելոհ» ընկերությունը Անսոնին էր մեղավոր ճանաչում այն բանում, որ «Աուրիգան» նստել է Պորտ֊Ռորիսում։ Ի վերջո, նա լսափողը կախեց ասելով, որպեսզի նրանք այդ հարցը պարզեն վարչությունում։ Իսկ Էդինբուրգում օրը կիրակի է, վաղ առավոտ, ուզեն֊չուզեն ստիպված կլինեն հանգիստ թողնելու նրան։
Երկրորդ գավաթից հետո Անսոնը մի քիչ կակղեց։ Արժե լեզու գտնել մի մարդու հետ, որը ընդունակ է «Ջոննի Ուոքըր» վիսկի ճարել Պորտ֊Ռորիսում, ու նավապետը հարցրեց Սպենսերին, թե ինչպես է նա հաջողացրել։
― Մամուլը՝ հզոր ուժ է, ― ժպտաց նա։ ― Ռեպորտյորը թաքցնում է իր աղբյուրները, այլապես նա երկար չի դիմանա։
Մորիս Սպենսերը պայուսակից հանեց մի խուրձ քարտեզներ ու լուսանկարներ։
― Այ սա, շատ ավելի դժվար էր ձեռք գցել այդպիսի կարճ ժամանակամիջոցում, ― շարունակեց նա։ ― Եվ ես ձեզ շատ եմ խնդրում, նավապետ, այս ամենը թող մեր մեջ մնա։ Միանգամայն գաղտնի գործ է, համենայն դեպս, առայժմ։
― Հասկանալի է, խոսքը «Սելենի» մասին է։
― Ըհը, դուք նույնպե՞ս գլխի եք ընկել։ Այո, «Սելենը»․․․ Գուցեև ոչինչ չստացվի, բայց ես ուզում եմ կազմ ու պատրաստ լինել։
Նա սեղանին դրեց մի մեծ լուսանկար՝ Ծարավի ծովի տեսքը, փոքր բարձրության վրա՝ հետախուզական արբանյակից նկարահանված ու Լուսնի տոպոգրաֆիական վարչության կողմից բազմացված։ Թեպետ լուսանկարն արված էր երեկոյան, երբ ստվերները հակառակ կողմն էին ընկնում, նա գրեթե ճշտությամբ կրկնում էր այն պատկերը, որ Սպենսերը տեսել էր էկրանի վրա վայրէջք կատարելիս։ Լրագրողը այնքան ուշադիր էր զննել այդ լուսանկարը, որ անգիր էր արել։
― Անմատչելիության լեռները, ― ասաց նա, ― համարյա ուղղաձիգ բարձրանում են Ծարավի ծովից՝ մոտ երկու հազար մետր դեպի վեր։ Այ, այս մութ ձվածիրը՝ Խառնարանային լիճն է․․․
― ․․․ որտեղ կորել է «Սելե՞նը»։
― Հնարավոր է։ Այժմ կասկածում են դրանում։ «Լագրանժից» եկած մեր այդ մարդամո՜տ երիտասարդ ընկերը ունի ապացույցներ, որ իբր նավը խորտակվել է Ծարավի ծովում՝ մոտավորապես այստեղ։ Բայց մարդիկ կարող էին կենդանի մնալ։ Իսկ դա նշանակում է, նավապետ, որ այստեղից հարյուր կիլոմետրի վրա ամբողջ թափով փրկարար աշխատանքներ կծավալվեն։ Պորտ֊Ռորիսը ողջ արեգակնային համակարգության ուշադրության կենտրոնում կլինի։
Նավապետը սուլեց։
― Ասել է՝ ձեր բախտը բերե՜ց։ Իսկ իմ ի՞նչ գործն է։
Սպենսերը նորից մատը տարավ դեպի քարտեզը։
― Ահա թե ինչ, նավապետ։ Ես ուզում եմ վարձել ձեր նավը։ Ու ցանկանում եմ, որպեսզի դուք ինձ, օպերատորին ու երկու հարյուր կիլոգրամանոց հեռուստասարքը փոխադրեք Անմատչելիության լեռների արևմտյան լանջը։
― Ես այլևս հարցեր չունեմ, ձերդ մեծապատվություն, ― ասաց փաստաբան Շաստերն ու նստեց։
― Լավ, ― պատասխանեց կոմոդոր Հանստենը։ ― Ես վկային պետք է խնդրեմ չհեռանալ սույն դատարանի իրավասության սահմաններից։
Ընդհանուր քահ֊քահի տակ Դեվիդ Բարրետը վերադարձավ իր տեղը։ Նա լավ խաղաց իր դերը։ Անգլիացու պատասխաններից շատերում լուրջ իմաստը համեմվում էր հումորով, ու նրան լսեցին հետաքրքրությամբ։ Եթե մյուս վկաները պատասխանեն նույնքան հաճույքով, զվարճությունը կշարունակվի՝ քանի դեռ ընդհանրապես զվարճանալու տրամադրություն ունեն․․․ Նույնիսկ, եթե վերցնենք ծայրահեղ, հազիվ թե հավանական թիվը․ չորս խոստովանություն օրական, ամենայն մանրամասնություններով, որ ի վիճակի է պահելու մարդկային հիշողությունը, ― երբ թթվածնի ամբարը շունչը փչի, դեռևս մեկն ու մեկը խոսելիս կլինի։
Հանստենը ժամացույցին նայեց։ Մինչև աղքատիկ ճաշը մի ամբողջ ժամ կար։ Կարելի է «Շեյնին» անդրադառնալ կամ (թեև միսս Մոռլին դեմ է) դիմել այն հիմար պատմավեպին։ Ոչ, ավելի լավ է շարունակել ներկայացումը, քանի դեռ բոլորի տրամադրությունը բարձր է։
― Եթե առարկություն չկա, ― ասաց կոմոդորը, ― ես կկանչեմ հաջորդ վկային։
― Ես կողմնակից եմ, ― շտապով արձագանքեց Բարրետը, լավ իմանալով, որ իրեն այլևս չեն կանչի։
Նույնիսկ թղթամոլները դեմ չէին, և դատարանի քարտուղարը սրճամանից հանեց հերթական վիճակը։ Նրա դեմքը փոխվեց ու ինչ֊ինչ պատճառով նա կակազեց։
― Ի՞նչ պատահեց, ― հարցրեց դատարանի նախագահը։ ― Դուք ձեր ազգանո՞ւնն եք քաշել։
― Ըմ․․․ ոչ, ― պատասխանեց քարտուղարը, չարաճճի ժպիտով նայելով փաստաբանին։ Ապա կոկորդը մաքրեց ու ազդարարեց․ ― Միսսիս Շաստե՜ր։
― Ձերդ մեծապատվություն, ես առարկում եմ։ ― Միսսիս Շաստերը դժվարությամբ պոկեց իր ծանր մարմինը նստարանից, թեև նա բավականին քաշ էր կորցրել Պորտ֊Ռորիսից դուրս գալուց ի վեր։ Ժեստով նա ակնարկեց իր ամուսնուն, որը շփոթված քիթը կոխել էր գրառումների մեջ։ ― Արդյոք արդարացի՞ կլինի, որ նա հարցաքննի ինձ։
― Ես պատրաստ եմ զիջելու տեղս, ― ասաց Իրվինգ Շաստերը, չսպասելով, որեպսզի նախագահողը արտասանի «բողոքն ընդունված է» բանաձևը։
― Ես համաձայն եմ հարցաքննել, ― անդրադարձավ կոմոդորը, թեև դեմքի արտահայտությունը այլ բան էր ասում։ ― Կամ գուցե մեկ ուրի՞շն է ուզում իր վրա վերցնել այդ պարտականությունը։
Բոլորը լուռ էին։ Հանկարծ, ի զարմանս և հուրախություն Հանստենի, տեղից վեր կացավ պոկերի սիրահարներից մեկը։
― Ես, ճիշտ է, իրավաբան չեմ, ձերդ մեծապատվություն, բայց ես իրավական որոշ փորձարություն ունեմ։ Ես պատրաստ եմ ձեզ օգնելու։
― Հիանալի է, միստր Հարդինգ։ Հարցաքննությունը սկսեք։
Հարդինգը նստեց Շաստերի տեղը և մի հայացք գցեց ուշադիր լսարանի վրա։ Նա հաջողված արտաքինով ու ամրակազմ տղամարդ էր, որ այնքան էլ նման չէր բանկի ծառայողի։ Իզուր չէր, երբ բոլորը ներկայացնում էին իրենց, Հանստենը մտածեց, որ Հարդինգը այն մարդը չէ, ինչ նա ձևացնում է։
― Ձեր անունը Մայրա Շաստե՞ր է։
― Այո։
― Ի՞նչն է ձեզ Լուսին բերել, միսսիս Շաստեր։
Վկան ժպտաց։
― Ես անմիջապես կարող եմ պատասխանել դրան։ Ինձ ասացին, որ Լուսնի վրա ես կկշռեմ քսան կիլոգրամ, ես էլ թռա եկա։
― Չի՞ կարելի արդյոք ճշտել․ ինչո՞ւ էիք դուք ցանկանում քսան կիլոգրամ կշռել։
Միսսիս Շաստերը այնպես նայեց Հարդինգին, կարծես նա մեծագույն հիմարությունն ասած լիներ։
― Մի ժամանակ ես պարուհի էի, ― պատասխանեց նա, ու նրա ձայնը հանկարծ թախծալի դարձավ, դեմքը՝ մտախոհ։ ― Իհարկե, ես թողեցի այդ զբաղմունքը, երբ ամուսնացա Իրվինգի հետ։
― Ինչո՞ւ «իհարկե», միսսիս Շաստեր։
Վկան մի հայացք նետեց ամուսնու կողմը․ վերջինս կուչ ու ձիգ արեց, նույնիսկ տեղից մի փոքր բարձրացավ, կարծես ուզում էր բողոքել, բայց փոշմանեց։
― Այո, նա ասաց, թե իբր, ազնվաբարո զբաղմունք չէ պարելը։ Ճիշտ է, իհարկե, չէ որ ես պարում էի․․․
Այստեղ միստր Շաստերը չդիմացավ։ Միանգամայն արհամարհելով դատարանը, նա ոտքի թռավ ու բղավեց․
― Մայրա՜, պետք չի․․․
― Դե, թքած դրա վրա, Ի՛րվ, ― անմիջապես պատասխանեց նա։ Ու նրա անպատեհ ու հնաբույր ժարգոնից իննսունական թվականների հոտ փչեց։ ― Դե, ինչ կա որ հիմի։ Ինչո՞ւ ձևանալ, որ այդպես է։ Ի՞նչ կլինի, եթե նրանք իմանան, որ ես պարել եմ «Երկնագույն աստերոիդում»․․․ և որ դու ինձ փրկեցիր, երբ փարավոնները վրա տվեցին։
Իրվինգը նստեց, զայրացած փնչացնելով, ու խցում մի որոտընդոտ քրքիջ ճայթեց, որ նորին մեծապատվությունը չփորձեց նույնիսկ կանխել։ Թող սրտները բաց անեն, երբ մարդ ծիծաղում է, մոռանում է երկյուղը։
Ու կոմոդորը նորից ինքն իրեն հարցրեց․ այնուամենայնիվ, ո՞վ է այդ միստր Հարդինգը, որը լոկ մի անփույթ ու միևնույն ժամանակ խորամանկ հարցով հասավ այդպիսի էֆեկտի։ Ոչ, իրավաբանի համար նա վատ չէր գլուխ հանում գործից։ Հետաքրքիր կլինի նրան տեսնել մեղադրավկայի դերում, երբ հարց տալու հերթը Շաստերին կհասնի․․․
Գլուխ տասնմեկերորդ
Վերջապես ինչ֊որ մի բան խախտեց Ծարավի ծովի տափակ միապաղաղությունը։ Հորիզոնի ետևից երևաց փոքրիկ, բայց կուրացնելու աստիճան պայծառ լույսի բեկորը։ Փոշեսահնակները ինչքան առաջ էին սուրում, նա այնքան վեր էր բարձրանում դեպի աստղերը։ Ահա էլի մեկը, էլի․․․ Լուսնի եզերքին դեպի երկինք էին ձգվում Անմատչելիության լեռների բարձունքները։
Աչքաչափով չես կարող որոշել հեռավորությունը, կթվա, որ դրանք ոչ մեծ ժայռեր են, ձեռքդ մեկնես՝ կհասնի, կամ որ այդ հզոր լեռնագագաթները մի այլ աշխարհում են, Լուսնից միլիոնավոր կիլոմետր հեռու։ Իրականում ընդամենը հիսուն կիլոմետր էր մինչև այնտեղ, կես ժամվա ճանապարհ փոշեսահնակներով։
Թոմ Լոուսոնին ուրախացնում էին լեռները․ նրանք լցնում էին դատարկությունը, որը կլանում էր մարդու հայացքն ու բանականությունը։ Մի փոքր էլ, ու նա կգժվեր արտաքուստ անծայր այդ հարթությունից։ Իհարկե, հիմարություն է։ Թոմը շատ լավ էր հասկանում, որ հորիզոնը շատ մոտ է, որ Ծարավի ծովը՝ Լուսնի միայն մի մասն է, որի մակերեսը ամենևին էլ անվերջ չէ։ Սակայն քանի դեռ նրան թվում էր, որ փոշեսահնակը տեղում կանգնած է, նա իրեն զգում էր ինչպես մղձավանջային երազում, երբ չարչարվում, տանջվում ես՝ ջանալով խույս տալ փորձանքից, բայց չես կարողանում, ոտքերդ չեն տանում։ Նա այդպիսի երազներ շատ էր տեսնում, նույնիսկ ավելի սարսափելիները։
Բայց այժմ նա պարզ տեսնում է, որ իրենք շարժվում են, փոշեսահնակի երկար ու սև ստվերը սառած չէր փոշու վրա։ Թոմը տեղարկուն ուղղեց դեպի լեռնագագաթները․ սարքը անմիջապես արձագանքեց։ Հասկանալի է, արևի ճառագայթներից նրանք համարյա շիկացել են։ Լուսնային առավոտը նոր֊նոր է սկսում, բայց լեռնագագաթները ասես բոցեղեն լեզուներ լինեն։ Այստեղ, «ծովի» մակարդակի վրա, շատ ավելի զով է։ Փոշու վերին շերտը առավելագույն աստիճանի տաքանում է միայն կեսօրին, իսկ մինչև կեսօր դեռ յոթ օր կա։ Այդ հանգամանքը առանձնապես կարևոր էր Լոուսոնի համար։ Թեև արդեն օրն սկսվել է, դեռևս հույս կա գտնելու ջերմային թույլ օջախներ, քանի հզոր լուսատուն չի ջնջել դրանք։ Քսան րոպե անց լեռները զբաղեցրին երկնքի կեսը, և փոշեսահնակները դանդաղեցրին ընթացքը։
― Որպեսզի չանցնենք վթարի վայրը, ― բացատրեց Լոուրենսը։ ― Նայեցե՛ք, այ այնտեղ, աջ կողմում, կրկնակի գագաթ կա, իսկ ավելի ցած՝ ուղղահայաց սև գիծ։ Գտա՞ք։
― Այո՛։
― Այդ կիրճը տանում է դեպի Խառնարանային լիճը։ Ձեր նկարի վրա եղած ջերմային բիծը գտնվում է կիրճից երեք կիլոմետր արևմուտք։ Այն դեռևս չի երևում, հորիզոնի ետևում է։ Ո՞ր կողմից պետք է մոտենալ։
Լոուսոնը մտովի հաշվեց։ Թերևս, ամենից լավ է հյուսիսից կամ հարավից։ Եթե արևմուտքից մոտենանք, տեսադաշտում կլինեն այդ բոցավառվող ժայռերը։ Իսկ արևելքից բոլորովին չի կարելի՝ դեմ֊հանդիման ծագող արևն է։
― Հյուսիսից մտնենք, ― ասաց Լոուսոնը։ ― Եվ երբ երկու կիլոմետր մնա, ինձ զգուշացրեք։
Փոշեսահնակները նորից ավելացրին արագությունը։ Թեև դեռ շուտ էր, Թոմը սկսեց տեղարկուով զննել Ծավի մակերեսը։ Ջերմաորոնման հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ սովորաբար վերին շերտի ջերմաստիճանը միատեսակ է լինում, և միայն մարդը կարող է խախտել այն։ Իսկ եթե այդ ճիշտ չէ․․․
Ենթադրությունը ճիշտ չէր։ Թոմ Լոուսոնը կոպիտ կերպով սխալվել էր իր հաշվումներում։ Տարադիտակի էկրանի վրա Ծարավի ծովը իրենից ներկայացնում էր լույսի ու ստվերի, ավելի ճիշտ, տաքի ու ցրտի մի ցանց։ Թեև ջերմային շեղումները շատ չնչին էին, դա բավական էր, որպեսզի քաոս ստացվեր։ Ջերմային այդ լաբիրինթոսում որևէ առանձին աղբյուր տարբերելը անհնարին էր․․․
Թոմի սրտի թելը կտրվեց։ Նա հայացքը պոկեց էկրանից ու տարակուսալի աչքերը հառեց փոշուն։ Անզեն աչքի համար նրա մակերեսը խիստ հարթ էր՝ համատարած մի գորշ դաշտ։ Իսկ ինֆրակարմիր ճառագայթներում նա նույնքան խայտաբղետ էր, ինչպես երկրային ծովերը ամպամած օրը, երբ լույսն ու ստվերը ջրերի վրա անընդհատ փոփոխվող նախշեր են ստեղծում։
Բայց այս անջուր ծովի վրա ամպեր չկան, մի ինչ֊որ այլ պատճառ ունի այդ խայտաբղետությունը։ Թոմը խորապես ցնցված էր, և գիտական բացատրություն փնտրելու ժամանակը չէր։ Քանի֊քանի հազար կիլոմետր կտրել֊անցել էր, եկել Լուսին, վտանգի ենթարկելով կյանքը, որպեսզի մասնակցի այս հիմար որոնումներին, ― ու հանկարծ, բնության մի քմահաճույքով, մանրամսն մտածված փորձը տապալվում է։ Այստեղ են ասել, թե բախտդ չբերեց․․․ Ներքուստ Թոմ Լոուսոնը խղճաց ինքն իրեն։
Մի քանի րոպե անց նա մտաբերեց «Սելենի» մեջ գտնվողներին։
― Եվ այսպես, ― շեշտված հանդարտությամբ ասաց «Աուրիգայի» նավապետը, ― դուք ուզում եք իջնել Անմատչելիության լեռների վրա։ Հրապուրիչ միտք է․․․
Դե, իհարկե, Անսոնը նրա խոսքերը լուրջ չընդունեց։ Ըստ երևույթին մտածեց, որ այս խելագար ռեպորտյորը պարզապես չի պատկերացնում բոլոր բարդությունները։ Թերևս դա արդարացի լիներ տասներկու ժամ առաջ, երբ Սպենսերը նոր֊նոր միայն հղանում էր իր պլանը։ Իսկ այժմ նա արդեն ձեռք է գցել ամեն տեսակի տեղեկություններ ու հիանալի գիտի իր անելիքը։
― Նավապետ, ես լսում էի, դուք գլուխ էիք գովում, թե իբր կարող եք իջեցնել ձեր տիեզերանավը ուզածդ վայրում՝ մինչև մեկ մետրի ճշտությամբ։ Ճի՞շտ էիք ասում։
― Հըմ․․․ կարող եմ, եթե հաշվիչ մեքենա լինի։
― Հրաշալի է։ Իսկ հիմա նայեցեք այ այս լուսանկարին։
― Ի՞նչ է սա։ Գլազգոն կիրակնամուտին զբոսամոլի աչերո՞վ։
― Իհարկե, ձեր ասածի մեջ ճշմարտության հատիկ կա, լավ չի մեծացված, բայց կարելի է գլուխ հանել։ Այստեղ երևում է հենց այն տեղամասը, որը գտնվում է Անմատչելիության լեռների արևմտյան գագաթի դիմաց։ Մի քանի ժամ անց իմ ձեռքի տակ կլինի այլ լուսանկար, շատ ավելի պարզը, և մի քարտեզ հորիզոնագծերով։ Տեղագրության վարչությունն արդեն գծագրում է այն, նրանք նկարել են ամբողջ շրջանը։ Ահա այստեղ մի լայն ելուստ կա՝ բավականին լայն, որպեսզի տիեզերանավերը իջնեն, և հարթ, համենայն դեպս, այ այստեղ․․․ ու այստեղ։ Այնպես որ ձեզ համար վայրէջք կատարելը պրոբլեմ չի։
― Տեխնիկապես հնարավոր է։ Բայց դուք թեկուզ մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կնստի այդ։
― Դա արդեն իմ գործն է, նավապետ, ավելի ճիշտ իմ գործակալության։ Մենք գտնում ենք, որ չարչարանքն արժե, եթե միայն իմ նախազգացումը ինձ չխաբի։
Սպենսերը էլի բաներ կարող էր ասել, բայց երբ հող ես նախապատրաստում գործարքի համար, ավելի լավ է դիմացինիդ ցույց չտաս, որ քեզ չափազանց հարկավոր է նրա ապրանքը։ Նա մեծ սենսացիայի ակնկալություններ ուներ․ փրկարար աշխատանքներ տիեզերքում հեռուստաապարատների օբյեկտիվների առջև, ― այդպիսի բան դեռևս չէր եղել երբեք։ Աստված գիտի, տիեզերական աղետներ պատահել են նաև առաջներում, սակայն անհայտության դրամատիկ տարրը բացակայել է։ Մարդիկ զոհվում էին մի ակնթարթում, իսկ եթե չէին էլ զոհվում՝ միևնույն է չէր կարելի նրանց օգնել։ Դժբախտ պատահարների մասին հաղորդումները տպագրվում էին աչքի ընկնող տեղում, բայց նրանց անմիջապես դուրս էին մղում այլ նորությունները։
― Բանը փողի մեջ չէ, ― ասաց նավապետը, թեև նրա տոնից զգացվում էր, որը փողը այնուամենայնիվ վճռական դեր է խաղում։ ― Նույնիսկ, եթե ընկերությունն էլ համաձայնի, ձեզ դեռևս հարկ կլինի ունենալ Ըրթսայդի տիեզերական ծառայության թույլտվությունը։
― Գիտեմ, այդ հարցն արդեն լուծվում է։
― Իսկ Լլոյդի մասին ի՞նչ կասեք։ Մեր ապահովագրությունը նման զբոսանքների վրա չի տարածվում։
Սպենսերը հակվեց սեղանին․ ժամանակն էր մեջ բերել հաղթաթուղթը։
― Նավապետ, ― շեշտված արտասանեց նա։ ― «Ինտեր֊փլանիթ նյուսը» համաձայն է առաջարկել ապահովագրական գումարին հավասար գրավական։ Որքան ինձ հայտնի է, այդ (մի փոքր ավելացրած) գումարը կազմում է վեց միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար հիսուն ստեռլինգ֊դոլլար։
Նավապետ Անսոնը աչքը մեկ թարթեց, երկու թարթեց, ու կերպարանափոխվեց բոլորովին։ Մտախոհ նա մի գավաթ ևս լցրեց։
― Երբեք մտքովս չէր անցնի, որ ծերության օրերում կզբաղվեմ ալպինիզմով, ― ասաց նա։ ― Բայց եթե դուք չեք ափսոսում վեց միլիոն դալլարը՝ կեցցե՜ն լեռները։
Միսսիս Շաստերի ամուսինը թեթևացած շունչ քաշեց, երբ հարցաքննություն ընդհատվեց ճաշի պատճառով։ Լինելով ասող֊խոսող անձնավորություն, Մայրա Շաստերը չէր թաքցնում իր ուրախությունը, որ երկար տարիներ ի վեր առաջին անգամ սիրտը բանալու առիթ էր ստեղծվել։ Նրա կարիերան, եթե կարելի է այդպես ասել, առանձնապես փառավոր չէր, երբ ճակատագիրն ու Չիկագոյի ոստիկանությունը վերջ տվին նրան․ բայց Մայրան որոշ բան հասցրեց տեսնել ու ճանաչում էր անցյալ դարավերջի շատ ականավոր արտիստների։ Նրան լսելով, մեծահասակ ուղևորներից շատերը հիշեցին իրենց երիտասարդությունն ու իննուսանական թվականների երգերը։ Իսկ երբ միսիս Շաստերը երգեց անթառամ «Կոսմոբլյուզը», բոլորը խմբով ձայնակցեցին նրան, ու դատարանը չառարկեց։ Կոմոդորի կարծիքով, նման մասսովիկին պետք էր գնահատել ոսկու քաշով։ Իսկ այդ մի բան արժեր, եթե նկատի ունենանք Մայրա Շաստերի կազմվածքը։
Ճաշից հետո (դանդաղ ուտողները հաջողացրին այն մի կես ժամով ձգձգել, քանի որ յուրաքանչյուր պատառը ծամում էին ամենայն խնամքով) նորից ձեռքն առան գրքերը, ընդ որում այժմ արդեն հաղթեցին «Նարինջ ու խնձորի» կողմնակիցները։ Քանի որ նյութը անգլիական կյանքից էր, որոշեցին, որ միստր Բարրետը պիտի կարդա։ Նա ամեն կերպ ուզում էր օձիքն ազատել, բայց ուժերն անհավասար էին։
― Դե, ինչ արած, ― դժկամությամբ համաձայնեց նա։ ― Սկսենք։ Եվ այսպես, գլուխ առաջին։ Դրարի լեյն։ Հազար վեց հարյուր վաթսունհինգ թիվ․․․
Հեղինակը իզուր ժամանակ չէր վատնում։ Արդեն երրորդ էջում սըր Իսահակ Նյուտոնը ձգողականության օրենքն էր բացատրում միսսիս Գվինին, որը հասկացնել էր տվել, որ պատրաստ է վարձահատույց լինել նրան։ Պաթ Հարրիսը գլխի էր ընկնում, թե նրա (միսսիս Գվինի) միտքը ինչ է, բայց պաշտոնական պարտականությունները մղեցին ուշադրությունը այլ բանի վրա կենտրոնացնելու։ Զվարճությունը ուղևորների համար է․ անձնակազմին սպասում է աշխատանքը։
― Վթարային պաշարի մի արկղին դեռ ձեռք չեմ տվել, ― օդասահանքի խցիկի դուռը հազիվ բացած՝ ասաց միսս Ուիլքինզը, ընդհատելով միստր Բարրետի արտահայտիչ ձայնը։ ― Թխվածքն ու ջեմը վերջանալու վրա են, իսկ մսի խտածուն դեռ կբավականացնի։
― Զարմանալի ոչինչ չկա, ― պատասխանեց Պաթը։ ― Ոչ ոքի բկից կուլ չի գնում։ Ապա, մի եկեք ստուգենք մեր պարենամթերքի պաշարները։
Ստուարդուհին նրան տվեց մեքենագիր էջեր, որոնք լի էին մատիտով արված նշաններով։
― Այսպես, սկսենք այս արկղից։ Ի՞նչ կա այնտեղ։
― Օճառ և թղթե սրբիչներ։
― Ըմմ․․․ դրանք չես ուտի։ Իսկ այստե՞ղ։
― Սառնաշաքար։ Ես դրանք պահել եմ, որպեսզի․․․ երբ մեզ գտնեն, տոնելու մի բան ունենանք։
― Վատ միտք չէ, բայց, կարծում եմ, կարելի է մի քիչ բաժանել այս երեկո։ Յուրաքանչյուրին մի կոնֆետ՝ թեյի փոխարեն։ Այստեղ ի՞նչ է։
― Սիգարետներ, հազար հատ։
― Հետևեք, որպեսզի ոչ ոք չտեսնի դրանք։ Լավ կլիներ ինձ էլ չասեիք։
Պաթը թեթևակի ժպտաց Սյուին ու շարունակեց հաշվառումը։ Պարզ էր, որ ուտելիքը գլխավոր խնդիրը չէր, բայց խնայողությունը չի խանգարի։ Պաթ Հարրիսը լավ գիտեր իր պետերին․ փրկվելուց հետո վաղ թե ուշ կգտնվի մի չինովնիկ՝ կենդանի էակ կամ էլեկտրոնային, որը հաշիվ կպահանջի ծախսված մթերքների համար։
Փրկվելուց հետո․․․ Իսկ հավատա՞լ, որ կփրկեն իրենց։ Երկու օր է անցել, ու դեռ չի երևում, որ իրենց փնտրում են։ Պաթը ստույգ չգիտեր, թե փրկության ինչ նշաններ է սպասում, բայց ինչ֊որ բան գոնե պետք է լինի։
Սյուի մտահոգված ձայնը ընդհատեց նրա մտորումները։
― Ի՞նչ է պատահել, Պաթ։ Որևէ անախորժությո՞ւն։
― Ի՞նչ եք ասում, ― ժպտալով պատասխանեց նա։ ― Հինգ րոպե հետո մենք խարսխակայանում կլինենք։ Հիանալի զբոսանք էր, այնպես չէ՞։
Սյուն վարանած նայեց նրան, ապա կարմրեց ու նրա աչքերը լցվեցին արցունքով։
― Ներեցեք, ― զղջալով ասաց նա։ ― Ես ձեզ չէի ուզում վիրավորել։ Մեզ երկուսիս էլ հեշտ չէ, բայց դուք լավ եք պահում ձեզ։ Ես չգիտեմ, թե ինչ կանեինք առանց ձեզ, Սյու։
Նա թաշկինակով սրբեց արցունքները, ժպտաց ու ասաց․
― Ես ոչինչ չեմ հասկանում։
Մի պահ երկուսն էլ լռեցին, ապա Սյուն շարունակեց․
― Ի՞նչ եք կարծում, մենք դուրս կպրծնե՞նք այստեղից։
Նա ուսերը թոթվեց։
― Ո՞վ գիտի․․․ Բայց ուղևորների առաջ պետք է ցույց տալ, որ մենք չենք կասկածում դրանում։ Ինչ խոսք, ամբողջ Լուսինն է փնտրում մեզ։ Արդեն շատ չմնաց։
― Լավ, ասենք նրանք գտան «Սելենը», ― իսկ ինչպե՞ս կազատեն մեզ այստեղից։
Պաթը նայեց ելքի դռանը, որից նրան ընդամենը մի քանի սանտիմետր էր բաժանում։ Բավական է ձեռքը պարզի, որպեսզի հասնի նրան։ Ավելին, եթե անջատի ինքնաուղեփակումը, դուռը կարելի է բանալ։ Բարակ մետաղաթերթից այն կողմ՝ անթիվ տոննաներով փոշին է, որը ներս կխուժի, ինչպես ջուրը խորտակված նավը, եթե փոքր֊ինչ ճեղք գտնի։ Քանի՞ մետր է մինչև մակերեսը։ Այդ հարցը խորտակվելուց ի վեր մտատանջում էր նրան, բայց ինչպե՞ս իմանալ․․․
Ու չգիտեր, ինչ պատասխաներ Սյուին։ Այժմ նրա մտքերը մի բանի շուրջն էին պտտվում․ կգտնե՞ն, թե չեն գտնի։ Միայն թե գտնեն, իսկ այնտեղ մի բան կմտածեն։ Մարդկությունը թույլ չի տա, որպեսզի նրանք կործանվեն, եթե համոզվի, որ կենդանի են։
Ինքնախաբեություն է այս, և ուրիշ ոչինչ։ Անցյալ դարում հարյուրավոր անգամ մարդիկ ընկել են նման թակարդներ և նույնիսկ ամենազորեղ պետությունները անզոր են գտնվել փրկելու նրանց։ Նույնիսկ հնարավոր չի եղել ազատել փլված հանքում մնացած հանքափորին, խորտակված սուզանավերի ծովայիններին, էլ չենք խոսում հաշվարկային ուղեծրից դուրս եկած տիեզերանավերի անձնակզմերի մասին։ Հաճախ այդ մարդիկ մինչև վերջին շունչը կարողացել են խոսել իրենց ընկերների ու հարազատների հետ։ Այդպես պատահեց երկու տարի առաջ, երբ «Կասիոպեայի» կառավարումը խափանվեց ու հզոր շարժիչները տիեզերանավը արեգակնային համակարգությունից դուրս տարան։ Նա հիմա էլ թռչում է Կոնոպուսի կողմը, նրա ուղեծիրը նույնպես հայտնի է։ Աստղագետները կարող էին «Կասիոպեայի» կոորդինատները հաշվել առաջիկա միլիոն տարվա համար՝ մի քանի հազար կիլոմետրի ճշտությամբ։ Ինչպիսի՞ մխիթարություն դամբարանում թաղված աձնակազմի համար, դամբարան, որն իր հարատևությամբ կարող է մրցել ուզածդ բուրգի հետ։
Լարելով կամքը, Պաթը կարողացավ ցրել այդ միանգամայն անպետք մտքերը։ Իրենց ճակատագիրը դեռ հայտնի չէ, ու ավելի լավ է չմտածել դժբախտության մասին, որպեսզի իրենց գլխին չգա։
― Եկեք արագ վերջացնենք հաշվառումը։ Ուզում եմ լսել թե Նելլը ինչպես է լեզու գտնում Իսահակի հետ։
Ինչ խոսք, մտածմունքի համար դա շատ ավելի ախորժելի առարկա է, մանավանդ, երբ կանգնած ես դուրեկան աղջկա կողքին։ Նման դեպքերում կանայք մի խոշոր առավելություն ունեն տղամարդկանց նկատմամբ, մտածեց Պաթը։ Հիմա էլ էր հաճելի Սյուին նայելը, թեև արևադարձային տոթը նրան ստիպել էր հրաժարվել համազգեստից։ Պաթը, ինչպես և «Սելենի» բոլոր տղամարդիկ, սրտնեղում էին, որ երրորդ օրն է, ինչ չէին սափրվել, ու ոչինչ էլ չէին կարող անել։
Ինքն էլ չնկատելով, թե ինչպես՝ Պաթը Հարրիսը այնքան մոտեցավ միսս Ուիլքինզին, որ նրա երեսի մազերը ծակեցին Սյուի այտը։ Նա անմիջապես ընկրկեց, բայց ստուարդուհին այնպիսի կեցվածքով էր կանգանած, ասես սպասում էր դրան ու ամենևին էլ զարմացած չէր։
― Դուք, իհարկե, անպատկառ կնամոլ եք համարում ինձ, ― հուզմունքը զսպելով ասաց Պաթը։
― Ոչինչ, ― հոգնած ժպիտը դեմքին պատասխանեց Սյուն։ ― Նույնիսկ հաճելի է իմանալ, որ ես դեռ դուր եմ գալիս։ Ոչ մի աղջիկ չի նեղանում, երբ սկսում են սիրահետել իրեն։ Այլ բան է, երբ տղամարդը չափը չի ճանաչում։
― Ժամանակն է, որպեսզի ես զսպե՞մ ինձ։
― Եթե միայն մենք սիրեինք միմյանց, Պաթ․․․ Դա շատ կարևոր է ինձ համար։ Ինչ խոսք, ես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ ձեզ հետ։ Ես կարող էի այլ տեղ ընտրել։
― Եվ իզուր չընտրեցիք, ― պատասխանեց Պաթը։
― Դե, դե, նորից մռայլությունը պատեց ձեզ, ― ասաց Սյուն։ ― Ձեր դժբախտությունը դրանում է․ շատ շուտ եք հուսահատվում։ Ու հաստատակամություն չունեք, ամեն մարդ կարող է հրամայել ձեզ։
Պաթը նրան նայեց՝ ավելի շուտ զարմանքով, քան վիրավորված։
― Իսկ ես չէի էլ կասկածում, որ դուք ուսումնասիրում եք իմ հոգեբանությունը։
― Ես չեմ ուսումնասիրել։ Բայց եթե աշխատում ես մեկի հետ, որը քեզ հետաքրքրում է, ակամա որոշ բաներ նկատում ես։
― Լավ, բայց ես չեմ կարող համաձայնել, որ ինձ հրամայում են։
― Չե՞ք կարող։ Իսկ ո՞վ է այժմ տեր ու տնօրինություն անում նավում։
― Եթե դուք կոմոդորին նկատի ունեք, դա բոլորովին այլ բան է։ Նա հազար անգամ ավելի հարմար է հրամանատարի համար։ Ու բացի այդ, նա շատ տակտով մարդ է, ամեն ինչում թույլտվություն է խնդրում ինձանից։
― Արդեն չի խնդրում։ Իսկ որ գլխավորն է․ դուք ուրախ եք, որ հրամանատարությունը նա վերցրել է իր վրա։
Պաթը մի պահ մտածեց, ապա անսքող հարգանքով նայեց Սյուին։
― Թերևս դու ճիշտ ես։ Ես երբեք չեմ ձգտել հաստատելու իմ եսը, իմ հեղինակությունը։ Գուցե այդ է պատճառը, որ ես լուսագնացի վարորդ եմ, և ոչ թե տիեզերանավի նավապետ։ Բայց թե արդեն ուշ է ուղղվել։
― Դուք դեռևս երեսուն էլ չկաք։
― Շնորհակալ եմ հաճոյախոսության համար։ Ես երեսուներկու տարեկան եմ։ Մենք, Հարրիսներս, մինչ ի ծերություն երիտասարդ ենք երևում։ Հենց միայն դրանով էլ կարող ենք պարծենալ։
― Երեսուներկու՝ ու դեռ սիրած աղջիկ չունեք։
«Էհե՜, ― մտածեց Պաթը։ ― Դու դեռ ամեն ինչ չէ, որ գիտես իմ մասին։ Բայց և այնպես․․․ Թերևս, Սյուն ճիշտ է, սիրած աղջիկ չունեմ։ Արդեն հինգ տարի է՝ Իվոնից հետո։ Ինչ հինգ՝ յոթ տարի առաջ էր»։
― Իսկ ինչո՞ւ շտապեմ, ― ասաց նա արդեն բարձրաձայն։ ― Ոչինչ, շուտով ընտանիք կկազմեմ։
― Դուք այդպես կխոսեք նաև քառասուն, հիսուն տարեկան հասակում։ Դե տիեզերագնացների բանն այդպես է։ Ժամանակին ընտանիք չեն ստեղծում, իսկ հետո ուշ է լինում։ Վերցնենք թեկուզ նույն կոմոդորին։
― Նորի՞ց կոմոդորը։ Ինչքա՞ն կարելի է նրա մասին խոսել։
― Նա ողջ կյանքը տիեզերքում է անցկացրել։ Ոչ ընտանիք ունի, ոչ երեխաներ։ Երկիրը նրա համար ոչինչ չարժե, շատ քիչ է ապրել այնտեղ։ Երբ ծառայության ժամկետն ավարտվեց, նա, հավանաբար, չգիտեր ինչ անի։ Այնպես որ, այս եղելությունը նրա համար երկնային պարգև էր, նա հիմա պարզապես երջանիկ է։
― Թող այդպես լինի, նա արժանի է դրան։ Ես շատ ուրախ կլինեի, եթե նրա արածի տասներորդ մասն անեի։ Բայց թե․․․
Պաթը նոր միայն նկատեց, որ ցուցակները դեռևս ձեռքում է պահում։ Նա արդեն մոռացել էր այդ չարաբաստիկ թղթերը, որոնք մի ավելորդ անգամ ընդգծում էին, թե որքան սահմանափակ են իրենց հնարավորությունները։ Նավապետը հոնքերը կիտեց։
― Գործն սպասում է, ― ասաց նա։ ― Մենք պարտավոր ենք հոգալ ուղևորների մասին։
― Եթե երկար մնանք այստեղ, ― պատասխանեց Սյուն, ― ուղևորները կսկսեն վատ մտածել մեր մասին։
Նա նույնիսկ չէր էլ կասկածում, թե նրա խոսքերը որքան մոտ էին ճշմարտությանը։
Գլուխ տասներկուերորդ
Դոկտոր Լոուսոնը ինչ֊որ երկար է լռում, մտածեց գլխավոր ինժեները։ Ժամանակն է մի որևէ բան ասել։
― Ամեն ինչ կարգի՞ն է, դոկտոր, ― հարցրեց նա ամենաբարյացակամ տոնով, որքան ընդունակ էր դրան։
Լոուսոնը որպես պատասխան միայն քրթմնջաց ջղայնությամբ, որը սակայն վերաբերում էր տիեզերքին, այլ ոչ Լոուրենսին։
― Չի գործում, ― դառնությամբ պատասխանեց նա։ Ջերմային պատկերը չափազանց խայտաբղետ է։ Մեկի փոխարեն՝ տասնյակ օջախներ կան։
― Կանգնեցրեք ձեր փոշեսահնակը։ Ես կտեղափոխվեմ ձեզ մոտ, ուզում եմ անձնամբ տեսնել։
«Փոշեսահնակ 2֊ը» արգելակեց։ «Փոշեսահնակ 1֊ը» մոտեցավ նրան, նրանք կողք֊կողքի կանգնեցին։ Զարմանալի թեթևությամբ, չնայած կոպիտ զրահին, Լոուրենսը մի փոշեսահնակից ցատկեց մյուսը ու կանգնեց Լոուսոնի թիկունքում, բռնելով ծածկից։ Աստղագետի ուսի վրայով նա նայեց ինֆրակարմիր փոխակերպչի էկրանին։
― Հա՜․․․ա, բավականին խառնաշփոթ է։ Բայց չէ՞ որ ամեն ինչ կարգին էր, երբ դուք լուսանկար էիք անում։
― Ըստ երևույթին, արևածագը ազդում է։ Ծովը տաքանում է, և չգիտես ինչու՝ անհավասարաչափ։
― Այնուամենայնիվ, փորձենք գլուխ հանել այդ մոզաիկայից։ Այսպես․․․ Այստեղ կան գրեթե միապաղաղ տեղամասեր․․․ Ինչո՞վ բացատրել։ Եթե իմանայինք բանն ինչումն է, մենք կարող էինք մի բան մտածել։
Թոմ Լոուսոնը մտքերը կենտրոնացրեց։ Ինքնավստահության դյուրաբեկ պատյանը ջարդուփշուր եղավ՝ դիպչելով անսպասելի խոչընդոտին, և նա իրեն շատ վատ էր զգում։ Վերջին երկու օրվա ընթացքում համարյա աչքը չէր խփել, արբանյակից՝ Լուսին, ապա՝ փոշեսահնակ, անչափ հոգնել էր, ու ի լրումն բոլորին, գիտությունը հիմար վիճակի մեջ էր դնում նրան։
― Տասնյակ բացատրություններ կարելի է գտնել, ― խուլ ձայնով պատասխանեց նա։ ― Թեև փոշին կարծես նույնակերպ է, հնարավոր են տարբեր հաղորդունակությամբ տեղերը։ Ծովը տեղ֊տեղ խորն է, տեղ֊տեղ սաղր, դա ևս ազդում է ջերմային ճառագայթման վրա։
Լոուրենսը շարունակում էր նայել խառնիճաղանջ էկրանին, փորձելով այն համադրել նրա հետ, ինչ նա տեսնում էր անզեն աչքով։
― Սպասեցե՛ք, դուք ինձ որոշ բան հուշեցիք։ ― Գլխավորը դիմեց վարորդին․ ― Ինչպիսի՞ն է խորությունը այստեղ։
― Ո՞վ գիտի, Ծովը, ինչպես հարկն է, դեռևս չեն չափել։ Իսկ ընդհանրապես, այստեղ հուսիսային ափի մոտ, շատ ծանծաղ է։ Հաճախ պտուտակները քարերի են առնում։
― Նույնիսկ այդքա՞ն ծանծաղ։ Ահա ձեզ և պատասխանը։ Եթե մեր տակ, ընդամենը մի քանի սանտիմետրի վրա քար է, նա բնականաբար ազդում է ջերմաստիճանի վրա։ Գրազ կգամ, պատկերը կփոխվի, հենց որ մենք հեռանանք առափնյա ծանծաղուտից։ Դա տեղական երևույթ է, որի պատճառը հատակի անհարթությունն է։
― Թերևս դուք ճիշտ եք։ ― Թոմը փոքր֊ինչ սիրտ առավ։ ― Եթե «Սելենը» խորտակվել է, նրան պետք է փնտրել այնտեղ, որտեղ խորն է։ Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ այստեղ ծանծաղ է։
― Եկեք ստուգենք, իմ փոշեսահնակում քսան մետրանոց զննաձող կա։
― Ծալովի զննաձողի մի արմունկը բավական եղավ․ այն հատակին առավ մոտ երկու մետր խորության վրա։
― Պահեստի քանի՞ պտուտակ ունեք, ― ջրջահայաց լինելով հարցրեց Լոուրենսը։
― Չորս․ երկու լրիվ կոմպլեկտ, ― պատասխանեց վարորդը։ ― Բացի այդ էլ, պտուտակները ռեզինից են, եթե դիպչում են քարին ոչինչ չի լինում։ Ծռվում են՝ ու անմիջապես ուղղվում։ Այս ամբողջ տարվա ընթացքում ես ընդամենը երեք պտուտակ եմ կորցրել։ Վերջերս «Սելենի» պտուտակը նույնպես պոկվեց, Պաթ Հարրիսը ստիպված էր դուրս գալ ու ամրացնել այն։ Իհարկե, ուղևորները մի քիչ վախեցել էին․․․
― Պարզ է, գնացի՛նք առաջ։ Դեպի կիրճը։ Կասկածում եմ, որ այն շարունակվում է փոշու տակ Ծովի հատակով, ու ավելի խորն է այնտեղ։ Եթե ես ճիշտ եմ, ապա ձեր էկրանը անմիջապես կպարզվի։
Թոմը առանց մի առանձին հույս տածելու հետևում էր, թե ինչպես է սահում էկրանի վրա լույսի ու ստվերի երփներանգը։ Փոշեսահնակները բոլորովին դանդաղեցրին իրնեց ընթացքը, որպեսզի նա հասցնի վերլուծել ստացվող պատկերը։ Եվ մի երկու կիլոմետր հետո Թոմը համոզվեց, որ Լոուրենսը ճիշտ էր։
Ծածանքն ու կայլակները սկսեցին անհետանալ, տաքի ու ցրտի անկանոն նախշը փոխարինվեց միապաղաղ գորշությամբ։ Ակնհայտ էր, որ գնալով խորանում է։
Այն իրողությունը, որ նրա սարքը նորից ցուցաբերում է իր պիտանելիությունը, կարծես պետք է ուրախացներ Թոմին։ Բայց հակառակը ստացվեց․ նա մտածում էր այն անտեսանելի հորձանուտի մասին, որի վրայով նրանք սահում էին, ապավինելով այդ անհուսալի, նենգ նյութին․․․ Ով գիտի, միգուցե, այնտեղ, ներքևում խորխորատները հասնում են մինչև Լուսնի կենտրոնը․ ամեն վայրկյան նրանք կարող են կուլ տալ փոշեսահնակները, ինչպես «Սելենին»։
Թոմ Լոուսոնին համակել էր մի այնպիսի զգացում, ասես նա քայլում էր վիհի եզրով կամ երերուն ավազների միջով անցնող արահետով։ Ամբողջ կյանքում նա տանջվել է այն բանից, որ վստահ չի եղել իր վրա, միայն աշխատանքի մեջ նա մոռացել է իր տատանումները, իսկ մարդկանց հետ շփվելիս գլուխը կորցրել է։ Վտանգը առաջ էր մղել թաքուն երկյուղը։ Ու այժմ նա ամեն կերպ երազում էր մի ինչ֊որ հաստատուն, հուսալի, կայուն բանի մասին, որին կարելի լիներ ապավինել։
Ահա, ընդհամենը երեք կիլոմետրի վրա լեռներն են՝ հզոր, մշտնջենական արմատներ նետած Լուսնի ընդերքում։ Թոմը այնպիսի հուսահատությամբ էր նայում արևով ողողված լեռնագագաթներին, ինչպես Խաղաղ օվիկանոսի մեջտեղում ալիքների քմահաճույքին հանձնված լաստի վրա կանգնած մարդը կնայեր մոտիկից սահող կղզիներին․․․
Գոնե Լոուրենսը շուտ հեռանար այս չարագուշակ խաբուսիկ փոշու օվկիանոսից, մոտենար ապահով ափերին։ Թոմ Լոուսոնը հանկարծ զգաց, որ շշնջում է։
― Դեպի լեռնե՜րը, դեպի լեռնե՜րը գնացե՛ք։
Բայց տիեզերական սկաֆանդրում ավելի լավ է բարձրաձայն չխորհդածել, եթե ռադիոն միացրած է։ Հիսուն մետրի վրա գլխավոր ինժեները լսեց Լոուսոնի շշնջոցը և շատ լավ հասկացավ, թե բանն ինչումն է։
Երկնային մարմնի կեսի գլխավոր ինժեներ դառնալու համար, հարկավոր է գլուխ հանել ոչ միայն մեքենաներից, այլև մարդկանցից։ «Ես գիտակցաբար ռիսկի գնացի, ― մտածեց Լոուրենսը։ ― Կարծես սխալվեցի։ Բայց հեշտությամբ չեմ հանձնվի։ Թերևս, դեռ հնարավոր լինի վնասազերծել դանդաղ գործող այդ հոգեբանական ռումբը, մինչ այն կպայթի․․․»։
Թոմը չնկատեց, թե ինչպես երկրորդ փոշեսահնակը վերստին մոտեցավ, այնքան որ նա կլանված էր իր ապրումներով։ Հանկարծ մի ինչ֊որ բան ցնցեց նրան, այնպես ուժգին, որ նա ճակատը խփեց սաղավարտին։ Ցավից ակամա նրա աչքերը արցունքով լցվեցին։ Սրբելով դրանք, Թոմ Լոուսոնը, որի հոգում խառնվել էին կատաղությունն ու տարօրինակ թեթևացումը, ուղիղ իր առջև տեսավ գլխավորի խիստ հայացքն ու սաղավարտի ներսում լսեց նրա հնչեղ ձայնը։
― Վերջ տվեք այդ անմիտ բաներին։ Ու ավելի խնամքով վարվեք մեր սկաֆանդրի հետ․ մաքրելու համար մեզնից հինգ հարյուր ստոլլար են վերցնում, զգեստն էլ փչանում է։
― Սիրտս չի խառնում․․․ ― հազիվ իրեն զսպելով փնթփնթաց Թոմը, բայց անմիջապես կռահեց, որ ավելի վատ բան է սպառնում իրեն, շնորհակալություն Լոուրենսին նրբանկատության համար։ Ու մինչ նա կհասցներ որևէ բան ավելացնել, նորից՝ այս անգամ արդեն ավելի մեղմ, հնչեց ինժեների ձայնը։
― Ոչ ոք այլևս մեզ չի լսում, Թոմ, ես միացրել եմ երկկողմանի կապը։ Լսեցեք ինձ և մի բարկացեք։ Ես որոշ բաներ գիտեմ ձեր մասին։ Գիտեմ, որ կյանքը ձեզ երես չի տվել։ Սակայն դուք լավ գլուխ ունեք, նույնիսկ շատ լավ գլուխ, այնպես որ մի կորցրեք ձեզ, մի երկյուղեք։ Ամեն ոք կարող է վախենալ, ոչ ոք ապահով չէ դրանից, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Ձեզնից է կախված քսաներկու հոգու կյանքը։ Ամեն ինչ կպարզվի մոտակա հինգ րոպեում։ Խոսքիս հավատացեք, մենք ձեզ ողջ ու առողջ ետ կբերենք։
Աչքերը երիտասարդ գիտնականի հուզված դեմքից չհեռացնելով, Լոուրենսը այս անգամ արդեն բարեկամաբար ― ձեռքով խփեց նրա ուսին։ Ու թեթևացած նկատեց, որ Լոուսոնի խելքը գլուխն է գալիս։
Մի պահ աստղագետը նստել էր անշարժ։ Նա սթափվել էր, բայց երևում էր, որ նա ունկնդրում է ինչ֊որ ներքին ձայնի։ «Ի՞նչ է հուշում նրան այդ ձայնը, ― ինքն իրեն հարցրեց գլխավորը։ ― Այն մասին, որ նա մարդկության մասնի՞կն է, թեկուզ նույնիսկ մանկության օրերին տարագրած լինի նրան զզվելի որբանոցում․․․ Կամ թե աշխարհում կա ինչ֊որ մեկը, որը ջերմ զգացմունքներ կտածի Թոմի նկատմամբ ու կմեղմի նրա դաժանացած սիրտը»։
Տարօրինակ պատկեր կարելի էր դիտել այդ միջոցին Անմատչելիության լեռներից ընդհուպ մինչև արևի սկավառակը տարածվող հայելանման հարթության վրա։ «Փոշեսահնակ 1֊ը» ու «Փոշեսահնակ 2֊ը» հիշեցնում էին խաղաղ, անհողմ ծովի մեջ անակնկալի եկած նավերի, ու վարորդները կարող էին միայն գուշակել, թե բնավորությունների ինչպիսի դրամա խաղացվեց հենց նոր։ Կողքից չես էլ հասկանա, թե մեկ րոպե առաջ սուր էր դրված մարդկանց կենաց ու մահու հարցը։ Իսկ այն երկուսը, որոնք գիտեն այդ բանը, ոչ ոքի չեն պատմի։
Եվ բացի այդ, երկուսի ուշքն ու միտքն էլ արդեն ուրիշ տեղ էր։
Ավելի անհեթեթ կացություն չես հնարի․ այդ ամբողջ ժամանակ, երբ Լոուսոնն ու Լոուրենսը տեղարկուի մասին մոռացած, պարզում էին իրենց անձնական հարցերը, էկրանը համբերատարությամբ ցույց էր տալիս այն, ինչ փնտրում էին նրանք։
Երբ Պաթն ու Սյուն վերջացրին հաշվառումն ու դուրս եկան օդասահանքից, ուղևորները դեռևս մտովի գտնվում էին ռեստավրացիայի ժամանակաշրջանի Անգլիայում։ Սըր Իսահակի ֆիզիկայի համառոտ դասախոսությանը, ինչպես և պետք էր սպասել, հաջորդեց մարդու կազմախոսության շատ ավելի երկար դասը Նելլ Գվինի ղեկավարությամբ։ Ունկնդիրները ի սրտե ուրախանում էին, մանավանդ, որ Բարրետը հիանալի կերպով ընդօրինակում էր հերոսների լեզվական առանձնահատկությունները։
«― Հիրավի, սըր Այզըք, դուք շատ իմաստուն մարդ եք։ Եվ այնուամենայնիվ, ինձ թվում է, կինը շատ բան կարող էր սովորեցնել ձեզ։
― Օրինակ, ի՞նչ, սքանչելի լեդի։
Միսսիս Նելը հուզմունքից շառագունեց։
― Վախենում եմ, ― շունչ առնելով ասաց նա, ― որ դուք ամբողջովին ձեզ նվիրաբերել եք հոգևոր կյանքին։ Դուք մոռացել եք, սըր, Այզըք, մարմնում նույնպես պակաս իմաստություն չի թաքնված։
― Ա՛հ, ոչ, ― բացականչեց նա, ― ետ չպահելով, սակայն, նրա ձեռքերը։ ― Միայն թե ոչ այստեղ, ոչ պալատո՛ւմ։ Թագավորը շուտով կվերադառնա։
― Մի հուզվեք, սիրելիս։ Կարլը կեր ու խումով է զբաղված այդ թուղթ մրոտող Պեպիսի հետ։ Նա չի երևա այժմ․․․»։
«Միայն թե դուրս պրծնենք այստեղից, ― մտածեց Պաթը, ― մեր պարտքը լինի շնորհակալական նամակ ուղարկել Մարսի վրա ապրող տասնյոթամյա աշակերտուհուն, որին վերագրում են այս բարբաջանքի հեղինակությունը։ Նա բոլորին զվարճացնում է, իսկ դա գլխավորն է այժմ։
Բոլորի՞ն։ Ոչ, մեկին միայն այդ ուրախությունը չէր հետաքրքրում։ Պաթը հուզմունքով նկատեց, որ միսս Մոռլին համառորեն ջանում է որսալ նրա հայացքը։ Հիշելով նավապետի իր պարտականությունները, նա սիրալիր, թեև փոքր֊ինչ բռնազբոսիկ, ժպիտը դեմքին, շրջվեց դեպի միսս Մոռլին։
Նա չպատասխանեց ժպիտին, ավելին՝ նրա դեմքը օտարացավ։ Առանց շտապելու և ցուցադրականորեն միսս Մոռլին նայում էր մե՛կ Սյուին, մե՛կ էլ նորից Պաթին։
Ամեն ինչ պարզ էր առանց խոսքի։ Նրանք լավ հասկացան նրան․ նրա հայացքը կարծես ասում էր․ «Ես գիտեմ, ինչ էիք անում դուք այնտեղ, ձեր խցիկում»։
Պաթի դեմքը կարմրեց զայրույթից արդարակյաց մարդու, որին անտեղի զրպարտել էին։ Մի պահ ասես նա մխրճվեց իր բազկաթոռի մեջ, արյունը խփեց գլուխը։ Ապա փնթփնթաց քթի տակ։
― Ես այդ պառավ վհուկին ցույց կտա՛մ։
Նա ոտքի կանգնեց, միսս Մոռլիին մի ժպիտ պարգևեց, որը լի էր քաղցրավուն թույնով, ու այնպես ասաց, որպեսզի լսեր միայն նա․
― Միսս Ուիլքինզ, ես ամենևին մոռացել էի մի բան։ Խնդրեմ, մի անգամ էլ անցնենք օդասահանքի խցիկը։
Դուռը փակվեց, խեղդելով այն միջադեպի պատմությունը, որը միանգամայն անսպասելի լույս էր սփռում հերցոգ Սեն֊Օլբանսկու ծագման վրա, և Սյու Ուիլքինզը խորամանկ հետաքրքրասիրությամբ նայեց Պաթին։
― Դուք նկատեցի՞ք, ― հարցրեց նա, դեռևս զայրալից տոնով։
― Իսկ ի՞նչը։
― Միսս Մոռլին․․․
― Հա․․․ ա՜, ― ընդհատեց նրան Սյուն։ ― Ուշադրություն մի դարձրեք խեղճի վրա։ Նա աչքը չի հեռացնում ձեզանից, ինչ խարսխակայանից դուրս ենք եկել։ Դուք շատ լավ հասկանում եք, թե ինչն է տանջում նրան։
― Ի՞նչը, ― շփոթված հարցրեց Պաթը, թեև նախօրոք պատասխանը գիտեր։
― Նա․․․ ինչպես ասեմ․․․ վախենում է պառավելուց։ Բավականին տարածված ցավ է, ախտանիշներն էլ միշտ նույնն են։
Սիրո ճանապարհները ոլոր֊մոլոր ու քմահաճ են։ Տասը րոպե առաջ Պաթն ու Սյուն խցիկից դուրս եկան՝ մաքրաբարո մնալու համաձայնությամբ։ Սակայն, միսս Մոռլի ― Նել Գվին աներևակայելի կոմբինացիան, «ջուրն ընկնողը անձրևից չի վախենա» միտքը, ինչպես նաև, հավանորեն, ենթագիտակցական այն զգացումը, որ վերջին հաշվով մահվան դեմ֊հանդիման միակ ապաստանը սերն է, ― այս ամենը միասին վերցրած, խախտեց նրանց վճռականությունը։ Նրանք մոտեցան միմյանց, ու Սյուն, ժպտալով շշնջաց․
― Ա՜խ, միայն թե ոչ այստեղ, ոչ պալատո՛ւմ։
Գլուխ տասներեքերորդ
Գլխավոր ինժեներ Լոուրենսը սևեռուն հայացքով նայում էր թույլ լուսավորված էկրանին, փորձելով վերծանել պատկերը։ Բոլոր ինժեներների ու գիտնականների նման, նա իր կյանքի մի զգալի մասը անց էր կացրել սրընթաց էլեկտրոնների նկարած պատկերները զննելով, որոնք վերարտադրել են խիստ խոշոր կամ խիստ փոքր, չափազանց պայծառ կամ չափազանց աղոտ երևույթներ, որպեսզի մարդ կարողանար նկատել դրանք։ Հարյուր տարվանից ավելի է անցել այն ժամանակներից, երբ կատոդային փողակը իշխանություն ընծայեց մարդուն անտեսանելի աշխարհի նկատմամբ․ նա արդեն մոռացել է, թե երբ էր այդ աշխարհը անմատչելի եղել իրեն։
Ինֆրատեղարկուն նրանցից երկու հարյուր մետր հեռու փոշե մակերևույթի վրա, հայտնաբերեց հազիվ նկատելի ջերմային բիծ, որը կազմում էր գրեթե կանոնավոր մեկուսացված մի շրջանակ։ Սարքի տեսադաշտում այլևս ոչ մի տեղ նկատելի չէր ջերմության աղբյուր։ Ճիշտ է, բիծը շատ ավելի փոքր էր, քան այն, որ Լոուսոնը նկարահանել էր «Լագրանժից», բայց կոորդինատները համընկնում էին։ Ոչ մի տարակույս․ այն է որ կա։
Սակայն հայտնի չէ դեռևս, թե ինչ է նշանակում այդ բիծը․․․ Շատ բացատրություններ կարող են լինել։ Ասենք, այստեղ Ծովի հատակից ցցվել է մի միայնակ լեռնագագաթ, որը հասնում է մինչև մակերեսը։ Այդ բանը պարզելու միայն մի միջոց կար։
― Այստեղ մնացեք, ― ասաց Լոուրենսը։ ― Ես իմ փոշեսահնակով առաջ կգնամ։ Երբ ես լինեմ ճիշտ բծի կենտրոնում, ինձ ասացեք։
― Ինչ եք կարծում, դա վտանգավոր չէ՞։
― Հազիվ թե, բայց ավելի լավ է վտանգի չենթարկվել։
Եվ «Փոշեսահնակ֊1֊ը» դանդաղ սահեց դեպի առեղծվածային բիծը՝ այնքան նկատելի ինֆրատեղարկուի համար, բայց նույնքան աննկատելի սովորական աչքի համար։
― Մի քիչ ձախ, ― հրաման տվեց Թոմը։ ― Մի քանի մետր ևս․․․ էլի․․․ այդպե՛ս։
Լոուրենսը աչքերը հառեց լուսնային գորշ փոշուն։ Կարծես ոչ մի տարբերություն Ծովի մյուս տեղամասերի համեմատությամբ։ Բայց լավ նայելով, նա նկատեց մի այնպիսի բան, որից սարսուռ անցավ մարմնով։
Եթե շատ ուշադիր նայես (ինչպես նա էր հիմա նայում) Ծովի հարթության վրա կարելի էր նկատել շատ մանր նախշեր։ Այդ նախշը շարժվում էր, երեսի շերտը ասես մի անտեսանելի քամու ուժով սողում էր դեպի փոշեգնացը։
Այ քեզ բան․․․ Լուսնի վրա անսովորն ու անհասկանալին զգուշություն էր պահանջում․ շատ հաճախ այն փորձանք էր նշանակում։ Գլխավորը լարեց ուշադրությունը։ Եթե այստեղ խորտակվել է նավը, ի՞նչ կարող էր սպառնալ փոշեսահնակին․․․
― Ավելի լավ է մի մոտեցեք, ― հաղորդեց նա «Փ ոշեսահնակ 2֊ին»։ ― Այստեղ ինչ֊որ տարօրինակ բան կա, չեմ կարողանում հասկանալ։
Ու մանրամասն նա Լոուսոնին նկարագրեց երևույթը։ Լսելով՝ նա համարյա անմիջապես պատասխանեց․
― Ասում եք, նման է վերընթաց հոսանքի՞։ Այդպես էլ պետք է լինի։ Մենք այդտեղ հայտնաբերել ենք ջերմային օջախ։ Այն բավականին հզոր է, ուստի և առաջ է բերել փոխատարական հոսանք։
― Իսկ ջերմությունը որտեղի՞ց է։ Ի՞նչ գործ ունի «Սելենը»։
Լոուրենսը չէր կարողանում թաքցնել իր հիասթափությունը։ Հենց սկզբից էլ նա այդպես էր մտածում։ Անիմաստ ձեռնարկում է։ Ճառագայթման մի օջախ կամ ցնցման հետևանքով դուրս ժայթքած շիկացած գազերը թյուրիմացության մեջ են գցել սարքը և իրենց խաբել֊քաշել են այս անապատը։ Որքան կարելի է շուտ պետք է հեռանալ այստեղից, հապաղելը վտանգավոր է։
― Ապա մի սպասեցե՛ք։ ― Լոուրենսը լսեց Թոմի ձայնը։ ― Իր բազմատեսակ ագրեգատներով ու քսաներկու ուղևորներով հանդերձ նավը քիչ ջերմություն չպետք է որ ճառագայթի։ Առնվազն երեք֊չորս կիլովատ։ Ու եթե փոշին ստատիկ հավասարակշռության վիճակում է, այդքանը բավական է, որպեսզի աղբյուրի նման խփի։
Շատ էլ հավանական չէ․․․ Բայց Լոուրենսը պատրաստ էր կառչել ջրի երեսի փրփուրին։ Վերցնելով մետաղե զննաձողը, գլխավորը այն ուղղահայաց իջեցրեց փոշու մեջ։ Սկզբում նա հեշտությամբ էր գնում, բայց որքան խորն էր գնում, այնքան դիմադրությունը ավելանում էր։ Ու երբ ձննաձողը մինչև վերջ մտավ (քսան մետր), ― ինժեները լարեց բոլոր ուժերը, որպեսզի ավելի խոր հրի այն։ Զննաձողի ծայրը ևս անցավ փոշու տակ՝ ոչինչ չկա։ Բայց Լոուրենսը հույս էլ չուներ, որ առաջին իսկ փորձից կհաջողվի։ Պետք է գիտական մոտեցում, սիստեմ։
Ետ ու առաջ հածանվելով, ասես երբեմնի կարտոֆիլ ցանող մի ֆերմեր, գլխավոր ինժեները փոշեսահնակից կիսով չափ դուրս թեքված՝ զննաձողը ձեռքին աշխատում էր։ Այդ օպերացիան մեծ ճշտաջանություն էր պահանջում, ու գործը դանդաղ էր ընթանում։ Լոուրենսը հիշեցնում էր կույրի, որը ճկուն շիվը ձեռքին խարխափում է մթության մեջ։ Եթե նրա շիվը շատ կարճ լինի, ապա մի բան ևս պետք է հորինել։ Բայց առայժմ վաղ է այդ մասին մտածելը․․․
Երբ ավարտվում էր տասներորդ րոպեն, Լուորենսը վրիպեց։ Ամբողջ ժամանակ նա աշխատում էր երկու ձեռքով, և ահա, ինչքան ուժ ուներ հուպ տալով զննաձողի վերին ծայրը, չափից ավելի դուրս կռացավ փոշեսահնակից, ոտքերը հանկարծ պոկվեցին տեղից, և նա բերանքսիվայր ընկավ Ծովը։
Երբ Պաթը դուրս եկավ օդասահանքի խցիկից, իսկույն նկատեց, որ տրամադրությունը փոխվել է։ Գիրքը դրել էին մի կողմ, ու սկիզբ էր առել տաք վիճաբանություն, որն ընդհատվեց նավապետի երևալուն պես։ Մի անհարմար լռություն տիրեց։ Որոշ ուղևորներ աչքի պոչով հետևում էին Հարրիսին, ոմանք էլ դիտմամբ չէին նկատում նրան։
― Կոմոդոր, ― ասաց Պաթը, ― ի՞նչ է պատահել։
― Ոմանք գտնում են, ― պատասխանեց Հանստենը, ― որ մենք այստեղից դուրս գալու համար ամեն ինչ չէ որ անում ենք։ Ես բացատրեցի, որ միայն մի ելք կա․ սպասել մինչև մեզ կգտնեն։ Բայց բոլորը չէ, որ համաձայն են ինձ հետ։
Զարմանալի ոչինչ չկա, մտածեց Պաթը։ Ժամանակն անցնում է, փրկարարները չեն երևում՝ բնականաբար ջղերը չեն դիմանում։ Կսկսեն պահանջել, որպեսզի գործենք, ամեն կերպ գործենք, միայն թե ձեռքներս ծալած չնստենք։ Մարդ էակի համար նողկալի բան է մահվան դեմ֊հանդիման անգործության մատնվելը։
― Մենք արդեն քանիցս քննարկել ենք այդ, ― հոգնաբեկ ասաց նա։ ― Խորությունը տասը մետրից պակաս չէ։ Նույնիսկ եթե մենք կարողանանք դուրս գալ նավից, ոչ ոք ի վիճակի չի լինի հաղթահարելու փոշու դիմադրությունը և մակերես դուրս գալ։
― Դուք համոզվա՞ծ եք, ― հարցրեց ինչ֊որ մեկը։
― Միանգամայն, ― պատասխանեց Պաթը։ ― Դուք երբևէ փորձե՞լ եք լող տալ ավազի մեջ։ Շատ չեք լողա։
― Իսկ եթե մոտորները գործի գցե՞ք։
― Վախենում եմ, մեկ սանտիմետր անգամ չշարժվենք տեղից։ Բայց թեկուզ շարժվեինք՝ մենք առաջ կգնայինք, այլ ոչ թե դեպի վեր։
― Հարկավոր է բոլորին հավաքել նավի վերջնամասում, գուցե քիթը բարձրանա։
― Իսկ նավիրանի բեռնվածությո՞ւնը, ― առարկեց Պաթը։ ― Ասենք ես միացրեցի մոտորները՝ դա միևնույն է թե պոզահարես աղյուսե պատը։ Միայն աստծուն է հայտնի, թե ինչի կարող է դա հանգեցնել։
― Բայց չէ որ գոնե մի հույս կլինի։ Ինչո՞ւ չփորձել։
Պաթը նայեց կոմոդորի կողմը, մի փոքր դժգոհությամբ, թե ինչու նա օգնության չի հասնում։ Հանստենը հանգիստ պատասխանեց նրա հայացքին, կարծես ասելով․ «Մինչև հիմա ես էի գլուխ քաշում, այժմ ձեր հերթն է»։ Ինչ արած, արդարացի է։ Սյուն ճիշտ էր։ Ժամանակն է կանգնել սեփական ոտքերի վրա, համենայն դեպս, ցույց տալ ուրիշներին, որ նա ի վիճակի է այդ անելու։
― Խիստ վտանգավոր է, ― վճռաբար ասաց նա։ ― Մենք հանգիստ կերպով կարող ենք առնվազն չորս օր էլ սպասել։ Բայց մեզ կգտնեն ավելի շուտ։ Ինչո՞ւ ռիսկի դիմել։ Եթե դա մեր վերջին հնարավորությունը լիներ՝ ես կասեի, այո։
Պաթ Հարրիսը աչք ածեց շուրջը՝ թե ո՞վ կառարկի։ Ու ակամա հանդիպեց միսս Մոռլիի հայացքին։ Ասենք նա չէր էլ փորձում խուսափել դրանից։ Սակայն միսսի խոսքերը տհաճ էին նրա համար։
― Հավանական է, նավապետը ամենևին էլ չի շտապում վերև։ Նա ինչ֊որ վաղուց չէր երևում, միսս Ուիլքինզը նույնպես։
«Այ դու, սատկածի մեկը, ― մտածեց Պաթը։ ― Միայն այն պատճառով, որ իրեն հարգող ոչ մի տղամարդ․․․»
― Հանգիստ Հարրի՛ս, ― ժամանակին միջամտեց կոմոդորը։ ― Ես ինձ վրա եմ վերցնում այդ։
Հանստենը, առաջին ամգամը լինելով, իսկականից դրսևորեց իր բնավորությունը։ Մինչ այդ պահը նա ամեն ինչ անում էր աննկատելի ու տակնհաց կամ թողնում էր անելու Պաթին։ Այժմ նրանք լսում էին հրամանատարի ձայնը, ու այն հնչում էր ինչպես շեփորը մարտադաշտում։ Խոսում էր ոչ թե պաշտոնաթող տիեզերագնացը, այլ տիեզերքի կոմոդորը։
― Միսս Մոռլի, ― ասաց նա, ― ձեր դիտողությունը անմիտ է և ոչ տեղին։ Ձեզ կարող է ներել միայն ծանր իրավիճակը, որի մեջ մենք բոլորս ընկել ենք։ Ինձ թվում է, դուք պետք է ներողություն խնդրեք նավապետից։
― Ես ճիշտ եմ, ― համառորեն առարկեց նա։ ― Թող նա ասի, որ դա այդպես չէ։
Վերջին երեսուն տարվա մեջ կոմոդոր Հանստենը ոչ մի անգամ չէր դուրս եկել համբերությունից, չէր ուզում այդ բանն անել նաև այժմ։ Սակայն նա գիտեր, թե երբ է օգտակար զայրացած ձևանալ․ հիմա էլ չէր խանգարի այդպես վարվել։ Նա բարկանում էր միսս Մոռլիի վրա, դժգոհ էր և Պաթից՝ նա պարզապես անհարմար դրության մեջ էր դրել նրան։ Փաստը մնում է փաստ՝ Պաթն ու Սյուն իսկապես որ շատ երկար մլուլ տվեցին այդ հաշվառման վրա։ Երբեմն արտաքին պարկեշտությունը անմեղ վարվելակերպից պակաս կարևոր չէ։ Չինացիները իզուր չեն ասում․ «Եթե կոշկերիզակներդ քանդվել են, հարևանիդ բոստանում մի կապիր»։
― Թքած միսս Ուիլքինզի ու նավապետի փոխհարաբերությունների վրա, ― ամենաահարկու ձայնով, որին միայն ընդունակ էր, ասաց կոմոդորը։ ― Դա նրանց անձնական գործն է, բայց քանի դեռ նրանք ազնվությամբ կատարում են իրենց պարտականությունները, մենք իրավունք չունենք խառնվելու։ Միգուցե, դուք ուզում եք ասել, որ նավապետ Հարրիսը թերանո՞ւմ է իր պարտականություններում։
― Հըմ․․․ ես այդ չեմ ասել։
― Այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ ընդհանրապես չխոսել։ Առանց այն էլ քիչ չեն մեր դժվարությունները, նորերը ստեղծելու հարկ չկա։
Մնացած ուղևորները նրանց վեճը լսում էին անհարմարության ու հետաքրքրության խառը զգացումով, ինչպես սովորաբար մարդկանց մեծ մասը լսում է ուրիշների գժտությունը։ Ինչևիցե, այս բախումը բոլորին էր վերաբերում, քանի որ առաջին մարտահրավերն էր հրամանատարի հեղինակությանը, առաջին նշանը այն բանի, որ կարգապահությունը խախտված է։ Մինչ այդ նրանց փոքրիկ ջոկատը մի ներդաշնակ միասնություն էր․ բայց ահա ինչ֊որ մեկը դեմ էր դուրս գալիս ցեղի ավագանուն։
Բացի այն մոր միսս Մոռլին հին նևրաստենիկ էր, նա նաև հաստակող ու համառ էր։ Ու կոմոդորը հասկանալի շփոթմունքով նկատեց, որ նա պատրաստվում է հակահարված տալու։
Բայց ոչ ոքի չհաջողվեց իմանալ, թե ինչ էր մտադիր պատասխանել միսս Մոռլին։ Այդ նույն վայրկյանին միսսիս Շաստերը մի այնպիսի ճիչ արձակեց, որի ուժգնությունը միանգամայն համապատասխանում էր նրա կազմվածքին։
Լուսնի վրա, երբ մարդ սայթաքում է, նա սովորաբար հասցնում է մի որևէ բանի ձեռք գցել, չէ որ նրա նյարդերն ու մկանները նախատեսված են երկրային ձգողության համար, որը վեց անգամ գերազանցում է լուսնայինը։ Բայց գլխավոր ինժեներ Լոուրենսը կանգնած էր կռացած, ու տարածությունը շատ քիչ էր։ Նա սուզվեց լուսնափոշու մեջ ու հայտնվեց խավարում։
Եթե չհաշվենք սկաֆանդրի ներսում եղած սարքերի թույլ ճառագայթումը, ոչինչ չէր երևում։ Զգուշությամբ, շատ զգուշորեն Լոուրենսը ձեռքերը սկսեց պարզել տարբեր կողմեր։ Փխրուն միջավայրը համարյա դիմադրություն ցույց չէր տալիս, բայց նա ապարդյուն փնտրում էր որևէ հենարան, դժվար էր գլխի ընկնել նույնիսկ, որն է վերը, որը՝ վարը։
Հուսալքումը կաշկանդել էր Լոուրենսի ոտք ու ձեռքը։ Սիրտը բախում էր արագ ու անկանոն, նախազգալով այն խուճապային կացությունը, երբ մարդու բանականությունը դավաճանում է։ Գլխավոր ինժեները բազմիցս տեսել էր, թե ինչպես են մարդիկ վերածվում բղավող, սարսափով բռնված անասունի, ու գիտեր, որ ինքը նման դրության շեմին է։
Նրա գլխում այն միտքը ծագեց, որ ընդամենը մի քանի րոպե առաջ նա խելագարության նոպայից փրկեց աստղագետին։ Բայց այժմ բախտի քմահաճույքի մասին մտածելու ժամանակը չէ։ Հարկավոր է ոգեկոչել մնացած կամքը՝ վերականգնել ինքնազսպումը, կարգավորել սրտի աշխատանքը, որն ասես ուզում է կուրծքը պատառոտել։
Հանկարծ ինժեների սաղավարտի ներսում հստակ ու հուժկու հնչեց մի այնպիսի անսպասելի ձայն, որ խուճապի ալիքները դադարեցին նրա գիտակցության կղզյակին զարնվելուց։ Դա ծիծաղ էր, ու ծիծաղում էր Թոմ Լոուսոնը։
Ծիծաղը անմիջապես ընդհատվեց, հաջորդեց ներողությունը։
― Ներեցեք, միստր Լոուրենս, առանց դիտումնավորության։ Շատ զվարճալի է նայել, թե ինչպես եք թափահարում ձեր ոտքերը։
Գլխավոր ինժեները քարացավ։ Երկյուղը չքացավ, տեղի տալով զայրույթին։ Նա բարկանում էր Լոուսոնի վրա, բայց էլ ավելի շատ իր վրա։
Չէ որ ակներև էր, նրան ոչ մի վտանգ չէր սպառնում․ օդով լի սկաֆանդրը նման է ջրում լողացող փուչիկի և չի կարող սուզվել։ Լոուրենսը անմիջապես հիշեց, թե ինչ պիտի անի։ Ոտքի ու ձեռքի մի քանի շարժում, ծանրության կենտրոնը տեղափոխվեց՝ ու սաղավարտը երևաց մակերևույթի վրա։ Ինժեները տեսավ, որ սուզվել է ամենաշատը տասը սանտիմետր։ Եվ փոշեսահնակն էլ կողքին է։ Նույնիսկ անհասկանալի է, թե ոնց չի դիպել նրան, երբ թպրտում էր ափ նետված ութոտանիկի պես։
Արժանապատվությունը պահելու մտահոգությամբ, գլխավոր ինժեները բռնեց փոշեսահնակի կողքից ու մագլցելով բարձրացավ նրա վրա։ Խոսել դեռևս չէր համարձակվում, անսովոր վարժություններից նրա շունչը բոլորովին կտրվում էր, ու ձայնը կարող էր մատնել հենց նոր ապրած վախը։ Բացի այդ նա զայրացած էր։ Անցյալում, երբ գլխավորը մշտապես դրսում էր աշխատում, նման սխալ թույլ չէր տա։ Երկար է նստել գրասենյակում․․․ Վերջին անգամ նա սկաֆանդր էր հագել, երբ ամենամյա ստուգում էր անցկացվում, և այն էլ օդասահանքում։
Փոշեսահնակ բարձրանալով, Լոուրեսը նորից զննաձողը ձեռքն առավ։ Աստիճանաբար անցան բարկությունն ու երկյուղի վերջին մնացուկները, և գլխավոր ինժեները մտածմունքի մեջ ընկավ։ Ուզում էր նա, թե չէր ուզում, այն ինչ տեղի էր ունեցել այս կես ժամվա ընթացքում, մի ինչ֊որ կապ էր ստեղծում իր ու Լոուսոնի միջև։ Ճիշտ է, աստղագետը ծիծաղում էր, երբ ինքը թպրտում էր փոշու մեջ, բայց երևի իսկապես ծիծաղելի տեսարան էր։ Եվ չէ որ Լոուսոնը ներողություն խնդրեց։ Իսկ վաղո՜ւց էր թվում, որ հավասարապես նա ընդունակ չէ ո՛չ ծիծաղելու, ո՛չ էլ ներողություն խնդրելու․․․
Ու հանկարծ բոլոր կողմնակի մտքերը դուրս թռան Լոուրենսի գլխից․ տասնհինգ մետր խորության վրա զննաձողը ինչ֊որ կարծր բանի առավ։
Գլուխ տասնչորսերորդ
Երբ կոմոդորը լսեց միսսիս Շաստերի ճիչը, նա անմիջապես մտածեց․ «Տեր աստված, միայն այդ հիստերիկան էր պակասում»։ Իսկ կես վայրկյան հետո նա ինքը մեծագույն ջանքով ետ պահեց իրեն ճչալուց։
Դրսից ինչ֊որ ձայն էր լսվում։ Երեք օր շարունակ նավից դուրս խշխշում էր փոշին, բայց ահա․․․ Դե, իհարկե, մետաղե ինչ֊որ բան քերում է նավիրանը։
Քիչ անց խուցը թնդում էր ուրախ բացականչություններից։ Մեծ դժվարությամբ կոմոդոր Հանստենը կարողացավ ձայնակոխ անել ցնծացող ամբոխին։
― Նրանք մեզ գտել են, ― բղավեց նա։ ― Թեև հնարավոր է, իրենք այդ դեռևս չգիտեն։ Պետք է մի բան անել, օգնել նրանց։ Պաթ, փորձեք միացնել հաղորդիչը։ Իսկ մենք կազդանշանենք նավիրանին հարվածելով։ Հիշեցնում եմ կարգավորման ազդանշանը ըստ Մորզեի այբուբենի․ «Ժ» տառը՝ տի֊տի֊տի տա։ Բոլորս միասի՛ն։
Սկզբում շատ անկանոն ստացվեց, բայց աստիճանաբար ռիթմը կանոնավորվեց։
― Կա՛ց, ― մի րոպե անց բղավեց Հանստենը։ ― Հիմա լսենք։ Ուշադրություն․․․
― Լռություն․․․ Հոգեմաշ, անախորժ լռություն։ Պաթը անջատեց օդափոխությունը, ու խցում լսվում էին միայն քսաներկու սրտերի զարկերը։
Ոչինչ չէր խախտում լռությունը։ Միգուցե տարօրինակ ձայնի հարուցիչը հենց «Սելենի» նավիրանի ծանրաբեռնվածությո՞ւնն էր։ Կամ փրկարարները, ― եթե նրանք էին միայն, ― արդեն առա՞ջ անցան։
Հանկարծ ինչ֊որ մեկը ճանկռեց դրսից։ Հանստենը ձեռքի շարժումով կանխեց խանդավառության նոր պոռթկումը։
― Լսեցե՛ք, խնդրում եմ։ Թերևս մի բան հասկանանք։
Այդ ճանկռտոցը տևեց մի քանի վայրկյան։ Ու նորից տանջալից լռություն։ Ինչ֊որ մեկը մեղմ ասաց, խաղաղեցնելով լարված մթնոլորտը․
― Կարծես պողպատաճոպան են քարշ տալիս։ Գուցե նրանք, ուռկանո՞ւմ են մեզ։
― Բացառված է, ― պատասխանեց Պաթը։ ― Միջավայրի դիմադրությունը շատ մեծ է, հատկապես այսպիսի խորության վրա։ ― Ավելի շուտ դա զննաձող է։
― Իսկ դա նշանակում է, ― միջամտեց կոմոդորը, ― որ փրկարարները շատ մոտ են, ճիշտ մեր գլխավերևում։ Նորից թակենք։ Ապա․․․ բոլորս միասին․․․
«Տի֊տի֊տի֊տա՛»
«Տի֊տի֊տի֊տա՛»
«Սելենի կրկնակի նավիրանի միջով դրսի փոշաշերտին էին փոխանցվում այդ ձայները, որոնք հարյուր տարի առաջ թևածում էին օկուպացված Եվրոպայի եթերում՝ ճակատագրի թեման, որով սկսվում է Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիան։
Պաթ Հարրիսը, վարորդի բազկաթոռին նստած, օգնություն էր կանչում։
― «Ես «Սելենն» եմ, ես «Սելենն» եմ։ Ինչպե՞ս եք լսում։ Ընդունում եմ։
Ու տասնհինգ անվերջ վայրկյան սպասելուց հետո, կրկնեց կանչը։ Բայց եթերը առաջվա նման անկենդան էր։
«Աուրիգայի» վրա Մորիս Սպենսերը անհամբեր ժամացույցին էր նայում։
― Սատանան տանի, ― դուրս թռավ նրա բերանից։ ― Վաղուց արդեն փոշեսահնակների վերադառնալու ժամանակն է։ Վերջին անգամ ե՞րբ կապվեցիք նրանց հետ․․․
― Քսանհինգ րոպե առաջ, ― պատասխանեց ավագ ռադիստը։ ― Մինչև հաջորդ սեանսը հինգ րոպե կա, անկախ նրանից, գտել են որևէ բան թե ոչ։
― Իսկ դուք չե՞ք կորցրել նրանց։
― Ձեր գործով զբաղվեք, ես մի կերպ գլուխ կհանեմ իմից, ― նրա խոսքը կտրեց ռադիստը։
― Ներեցեք, ― պատասխանեց Սպենսերը, որ վաղուց գիտեր, թե որ դեպքում պետք է անհապաղ ներողություն խնդրել։ ― Պարզապես հուզմունքից է։
Նա տեղից վեր կացավ, որպեսզի մի քանի քայլ անի «Աուրիգայի» նեղ խցիկում։ Ուժգին կպավ սարքերի վահանակին (Սպենսերը դեռևս սովոր չէր լուսնային ձգողականությանը և արդեն սկսել էր կասկածել, թե երբևէ կընտելանա) ու վերջապես իրեն հավաքեց։
Ավելի վատ բան չկա, քան անվերջ սպասելը, թե երբ «նյութ» կլինի հոդվածի համար․․․ Ինչքան փող է արդեն ծախսվել, ― իսկ դրանք դեռ դատարկ բան են այն ծախսերի համեմատ, որոնք կսկսվեն նավապետ Անսոնին թռչելու հրաման տալուն պես։ Ճիշտ է, այն ժամանակ հուզմունքը տեղի կտա, իսկ «Ինթերփլանիթարիի» առաջնությունը կապահովվի։
― Կանչում են, ― հանկարծ նա լսեց ռադիստի ձայնը։ ― Մինչև սեանսի սկիզբը երկու րոպե կա դեռևս։ Ինչ֊որ բան է պատահել։
― Ես մի բան շոշափեցի, ― զատ֊զատ արտասանեց Լոուրենսը։ ― Բայց չգիտեմ ինչ էր։
― Ինչպիսի՞ խորության վրա է, ― միաժամանակ հարցրեցին Լոուսոնն ու երկու վարորդները։
― Մոտ տասնհինգ մետրի։ Մի երկու մետր աջ գնանք, մի անգամ ևս փորձեմ։
Նա զննաձողը հանեց ու խորասուզեց փոշու մեջ նոր տեղում։
― Նորից, ― հաղորդեց Լոուրենսը, ― ու միևնույն խորության վրա։ Երկու մետր ևս․․․
Խոչընդոտը չքացավ։ Թե՞ ավելի խորը գնաց, որ զննաձողը չհասավ։
― Այստեղ ոչինչ չկա։ Փորձենք այլ ուղղությամբ։
Քիչ ժամանակ ու ջանք չպահանջվեց խորքում թաքնված առարկայի ուրվագիծը որոշելու համար։ Մոտավորապես նույնպիսի քրտնաջան աշխատանք էին կատարում նրանք, ովքեր երկու հարյուր տարի առաջ սկսեցին չափել օվկիանոսները․ ճոպաններով բեռն իջեցնում էին հատակը, ապա բարձրացնում․․․ «Ափսո՜ս, ― մտածեց Լոուրենսը, ― որ ձայնախորաչափ չունենք»։ Ու հազիվ թե ձայնային կամ էլեկտրա֊մագնիսական ալիքները այստեղ հինգ մետրից ավելի խոր թափանցեն։
Ինչ ապուշն է ինքը, ինչպես մտքովը չէ՛ր անցել։ Ահա թե ինչու են կորել «Սելենի» ռադիոազդանշանները։ Այն միջավայրը, որ կուլ է տվել նրան, կուլ է տալիս նաև ռադիոալիքները։ Թեև, եթե իրենց ոտքերի տակ փոշեգնացն է․․․
Լոուրենսը ընդունիչը փոխադրեց վթարային ալիքի վրա։ Ահա նա, ավտոմատի ձայնը, աղաղակում է, ինչքան ուժ ունի։ Եվ այնքան ուժգին, որ անհասկանալի է, թե ինչու նրան չեն լսում «Լագրանժի» վրա ու Պորտ֊Ռորիսում․․․ Ասենք ամեն ինչ պարզ է, չէ որ օգնեց մետաղե զննաձողը։ Դիպչելով «Սելենի» զրահին, նա մի տեսակ անտենա դարձավ անմիջապես ու իմպուլնսերը մակերես հանեց։
Ամբողջ տասնհինգ վայրկյան գլխավոր ինժեները լսում էր փարոսի կանչը, մինչև որ սիրտ առավ հաջորդ քայլն անելու։ Սկզբից ևեթ Լոուրենսը վստահ չէր, որ որոնումները արդյունք կտան։ Հիմա էլ նա վախենում էր, չլինի թե հանկարծ իրենց ջանքերը ապարդյուն անցնեն։ Չէ, որ ոչինչ հայտնի չէ դեռևս․ ավտոմատը ազդանշաններ կարող է ուղարկել նույնիսկ շաբաթներ շարունակ, երբ մարդիկ «Սելենում» վաղուց մեռած լինեն։
Լոուրենսը կտրուկ, վճռական շարժումով ընդունիչը փոխադրեց փոշեգնացի սովորական ալիքի վրա․․․ Ու գրեթե խլացավ Պաթ Հարրիսի ձայնից։
― Ես «Սելենն » եմ, ես «Սելենն» եմ։ Ինչպե՞ս եք լսում։ Ընդունում եմ։
― Ես «Փոշեսահնակ Մեկն» եմ, ― պատասխանեց նա։ ― Խոսում է Ըրթսայդի գլխավոր ինժեները։ Ես ձեզնից տանսհինգ մետրի վրա եմ, վերևում։ Ինչպե՞ս եք։ Ընդունում եմ։
Ցնծացող ամբոխի վայնասունի մեջ նա չկարողացավ լսել պատասխանը։ Բայց առանց այդ էլ ակնհայտ էր, որ ուղևորները կենդանի են ու տրամադրությունները լավ։ Այնպես էին աղմկում, կարծես տոնական սեղանի շուրջը լինեին։ Մտածում են, քանի որ իրենց գտան, ուրեմն անախորժությունները ետևում մնացին․․․
Լավ, թող ցնծան, միևնույն է առայժմ պետք է զեկուցել Խարսխակայանին։
― Պորտ֊Ռորիս, ես «Փոշեսահնակ Մեկն» եմ, ― ասաց գլխավորը։ ― Մենք գտել ենք «Սելենն» ու ռադիոկապ հաստատել նրա հետ։ Դատելով նավում տիրող աշխուժությունից, բոլորը ողջ և առողջ են։ Նավը տասնհինգ մետր խորության վրա է, այնտեղ որտեղ նշել էր դոկտոր Լոուսոնը։ Հինգ րոպե հետո կկապվեմ ձեզ հետ։ Այսքանը։
Ուրախության ու թեթևացման ալիքները լույսի արագությամբ կտարածվեն ամբողջ Լուսնով, Երկրով ու մոտակա մոլորակներով մեկ, բարի լուրը հասցնելով միլիոնավոր մարդկանց․․․ Փողոցներում ու շարժվող մայթերի վրա, ավտոբուսներում ու տիեզերանավերում անծանոթ մարդիկ միմյանց կհարցնեն․
― Դուք լսեցի՞ք, «Սելենը» գտել ե՛ն։
Այդ պահին ամբողջ արեգակնային համակարգությունում, հավանաբար, միայն մի մարդ չէր կարողանում ուրախանալ ամբողջ հոգով։ Նստած փոշեսահնակում ու լսելով ռադիոյի բերած երջանիկ գոռում֊գոչումները, նայելով փոշե անսահմանությանը, գլխավոր ինժեներ Լոուրենսը շատ ավելի անօգնական էր զգում իրեն, քան նրա տակ Ծովի անհունում թաղված մարդիկ։ Նա սկսեց սարսափել։ Նա գիտեր, որ իրեն սպասում է դժվարագույն ճակատամարտ հանուն մարդկանց կյանքի։
Գլուխ տասնհինգերորդ
Վերջին քսանչորս ժամվա մեջ առաջին անգամ Մորիս Սպենսերը կարողացավ շունչ քաշել։ Ինչ որ հնարավոր էր անել՝ արվեց։ Մարդիկ ու ապարատուրան արդեն Պորտ֊Ռորիսի ճանապարհին են։ (Շատ լավ էր, որ Ժյուլ Բրակը Կլավիում էր, նա լավ հեռուստառեպորտյոր էր, նրանք մի ժամանակ հաճախ էին համագործակցում)։ Նավապետ Անսոնը գործի է դրել հաշվիչ մեքենան ու մտահոգ զննում է Անմատչելիության լեռների ուրվագիծը։ Անձնակազմին (բոլոր վեցին) կանչել են բարերից (որոնք երեքն են) ու հայտնել, որ երթուղին նորից փոխվել է։ Երկրի վրա կնքվել են տասնյակ պայմանագրեր, բոլորն էլ խոշոր գումարներով ու հաղորդվել տելեֆաքսով։ «Ինտերփլանիդ Նյուսի» ֆինանսական կախարդները գիտական ճշգրտությամբ կհաշվեն, թե ինչքան պետք է պահանջել մյուս գործակալություններից՝ առանց երկյուղելու, որ նրանք կգերադասեն ուղարկել իրենց հրթիռները։ Ասենք վախենալու հարկ էլ չկա, նա շատ է առաջ ընկել բոլորից։ Մրցակիցը կարող է լեռը հասնել քառասունութ ժամից ոչ շուտ․ Մորիս Սպենսերը այնտեղ կլինի վեց ժամ հետո։
Մի խոսքով, հանգստանալը հաճելի է, երբ հաստատ գիտես, որ ամեն ինչ կարգին է ու խանգարումներ չեն սպասվում։ Նման ընդմիջումները մի առանձին հրապույր էին տալիս կյանքին, և Սպենսերը կարողանում էր օգտագործել դրանք։ Լավագույն դարմանը ստամոքսի խոցի դեմ, որ դեռևս մնում էր մամուլի և հեռուստատեսության աշխատողների պրոֆեսիոնալ հիվանդությունը։
Նա միշտ աչքի էր ընկնում շունչ քաշելու համար ժամանակ շահելու իր ունակությամբ։ Մորիս Սպենսերը՝ մի ձեռում ըմպանակը, մյուսում բուտերբրոդը, թիկն էր տվել բազմոցին, Տիեզերակայանի շրջահայման դահլիճում։ Կրկնակի պատուհանից նա տեսնում էր պիրսը, որտեղից երեք օր առաջ մեկնել էր «Սելենը»։ (Ոչ մի կերպ չես կարողանում ազատվել այդ ծովային տերմիններից, թեև նրանք այստեղ կարծես ամենևին տեղին չեն)։ Ընդամենը քսան մետրանոց մի բետոնուղի, որ մտնում է այդ զզվելի լուսնափոշու մեջ․․․ Գրեթե նույնքան ձգվել է հսկայական ճկուն հարմոնանման խողովակը, որի միջով ուղևորները նավահանգստից մտնում էին փոշեգնացը։ Հիմա այն խցանված չէ ու մասամբ նստել է։ Տխուր տեսարան է։
Լրագրողը նայեց ժամացույցին, ապա՝ հորիզոնին։ Զարմանալի է։ Եթե չիմանաս, կարելի է կարծել, որ մինչև հորիզոն առնվազն հարյուր կիլոմետր է։ Իրականում՝ ընդամենը երկու֊երեք։ Հանկարծ նա նկատեց արևաշողք։ Գալիս են՝ գալիս են այստեղ։ Հինգ րոպե հետո փրկարարները այստեղ կլինեն, հինգ րոպե անց դուրս կգան օդասահանքի խցիկից․ նա ըստ երևույթին կհասցնի վերջին բուտերբրոդի հախից գալ։
․․․ Պատասխանելով Սպենսերի բարևին, Թոմ Լոուսոնը բոլորովին ցույց չտվեց, որ ճանաչեց նրան։ Բայց դա միանգամայն բնական էր․ չէ որ նրանց առաջին կարճատև զրույցը տեղի է ունեցել գրեթե լրիվ մթության մեջ։
― Դոկտոր Լոուսո՞ն։ Ես «Ինտերփլանիդ Նյուսի» բաժնի վարիչն եմ։ Կարելի՞ է միացնել ձայնագրումը։
― Մի րոպե, ― միջամտեց Լոուրենսը։ ― Ես ճանաչում եմ «Ինտերփլանիդի» ներկայացուցչին։ Դուք Ջո Լեոնարդը չեք․․․
― Շատ ճիշտ է, ես Մորիս Սպենսերն եմ։ Ջոյից գործերը անցյալ շաբաթ եմ ընդունել։ Նրան ետ կանչեցին Երկիր, թե չէ բոլորովին կխորթանար երկրի ձգողականությանը։ Հո չէր կարող խրվել ու մնալ այստեղ ամբողջ կյանքում։
― Արագ եք տեղ հասել։ Մի ժամ էլ չի անցել, ինչ մենք հաղորդել ենք, որ «Սելենը» գտնվել է։
Սպենսերը չպատասխանեց դրան․ ինչո՞ւ ընդգծել, որ նա արդեն մի քանի ժամ է այստեղ է։
― Է, ինչպես, կարելի՞ է միացնել ձայնագրումը, ― քաղաքավարի կրկնեց նա։
Մորիս Սպենսերը սիրում էր պահպանել կանոնները։ Որոշ ռեպորտյորներ ռիսկի են դիմում ու գործի են գցում մագնիտոֆոնը, չսպասելով թույլտվության։ Եթե բռնացնեն քեզ դրա վրա, առանց աշխատանքի կմնաս․․․ Որպես բաժնի վարիչ նա պարզապես պարտավոր է հետևել կարգուկանոնին, որը միայն օգտակար է և՛ լրագրողներին, և՝ հասարակությանը։
― Ավելի ուշ, եթե չեք առարկում, ― պատասխանեց Լոուրենսը։ ― Ես շատ ու շատ անհետաձգելի գործեր ունեմ։ Իսկ դոկտոր Լոուսոնը հաճույքով կխոսի ձեզ հետ։ Հիմնական գործը նա է արել, նրանն է նաև ամբողջ փառքը։ Այդպես էլ կարող եք ձայնագրել։
― Հըմ․․․ շնորհակալ եմ․․․ ― փնթփնթաց Թոմը։
― Չարժի, ― ասաց Լոուրենսը։ ― Իսկ այժմ ցտեսություն, դեռ կտեսնվենք։ Ես ավագ ինժեների աշխատասենյակում կլինեմ։ Հաբերը կօգնեն ինձ ոտքի վրա մնալու, իսկ ձեզ, այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս թեկուզ մի քիչ քնել։
― Հարցազրույցից հետո, ― վրա եկավ Սպենսերը և Թոմին պարզապես քարշ տվեց դեպի հյուրանոցի շենքը։
Առաջին մարդը, որին նա հանդիպեց նեղլիկ (տասը քառակուսի մետր) սրահում, նավապետ Անսոնն էր։
― Ես ձեզ եմ փնտրում, միստր Սպենսեր, ― ասաց նա։ ― Տիեզերական աշխատողների արհմիությունը դիմադրում է։ Լսել եք, հավանաբար, միջընթացային հանգստի կանոնների մասին․․․ Ուրեմն, այսպես․․․
― Աղաչում եմ ձեզ, նավապետ, հետո։ Ինքներդ կապվեք «Ինտերփլանիթի» իրավախորհրդատուների հետ։ Կապվեք Կլավի 12―34, Հարրի Դանցիգի հետ՝ նա ամեն ինչ կարգի կգցի։
Լրագրողը հնազանդ Թոմ Լոուսոնին տարավ աստիճաններով վեր (հյուրանոցը առանց վերելակի էր՝ անսովոր երևույթ, բայց վերելակները պիտանի չեն այն աշխարհում, որտեղ մարդը տասը կիլոգրամից քիչ ավել է կշռում) ու առաջնորդեց իր համարը, որը նման էր Երկրի ուզածդ էժանագին հյուրանոցի համարին, միայն ավելի փոքր ու բոլորովին առանց պատուհանի։ Բազկաթոռները, բազմոցն ու սեղանը հասարակ են ու պատրաստված նյութի նվազագույն ծախսումով, և հիմնականում ապակեթելից․ Լուսնի վրա կվարցի պակասություն չկար։ Լողարանը սովորական է, (փա՜ռք աստծո, ոչ թե ինչպես հրթիռներում եղած անկշռելիությանը հարմարեցված զուգարանները), և միայն մահճակալի տեսքն էր մի փոքր վհատեցնում։ Որոշ երկրային հյուրերի համար, որոնք վատ էին քնում փոքր ձգողականության պայմաններում, ունեին ճկուն վերմակներ, որոնց ծայրերը ամրացված էին թույլ զսպանակներով։ Ակամա հիշում ես զսպաշապիկներն ու փափուկ պաստառած պատերը․․․
Մի սիրալիր մանրամսնություն ևս՝ դռան մոտ փակցված էր հայտարարություն երեք լեզվով՝ անգլերեն, ռուսերեն ու չինարեն․
- Հյուրանոցն ունի ավտոմատ հերմետիկություն
- Գմբեթի վթարանցքը ոչնչով չի սպառնում ձեզ
- Վթարի դեպքում խնդրում ենք մնալ համարում և
- սպասել ցուցմունքների։ Շնորհակալություն։
Սպենսերը առաջին անգամը չէր կարդում այդ տողերը և, այնուամենայնիվ, շարունակում էր գտնել, որ նույնիսկ այդքան կարևոր ինֆորմացիան կարելի էր հրամցնել ավելի դյուրամարս ու անբռնադատ ձևով։ Ախր շա՜տ չոր է գրված․․․
Թերևս դա որոշ իմաստ ուներ այստեղ, Լուսնի վրա։ Պայքարը տեղի բնության դեմ պահանջում էր այնպիսի ջանքեր, որ մանրամասների համար եռանդ չի մնում։ Առանձնապես աչքի էր զարնում տեխնիկական ծառայության հիանալի աշխատանքի ու մնացած հարցերում մի տեսակ անհոգի, նույնիսկ անփույթ մոտեցման միջև եղած ամհամապատասխանությունը։ Հեռախոսի, ջրմուղի, օդային ցանցի (հատկապես օդային) ամենափոքր իսկ անսարքությունը վայրկենապես շտկվում էր։ Բայց փորձեք հասնել այն բանին, որպեսզի ռեստորանում կամ բարում ձեզ արագ սպասարկեն․․․
― Ես գիտեմ, դուք հոգնած եք, ― սկսեց Սպենսերը։ ― Բայց, այնուամենայնիվ, թույլ տվեք մի քանի հարց տալ ձեզ։ Ես մագնիտոֆոնը կմիացնեմ, չե՞ք առարկում։
― Ոչ, ― պատասխանեց Թոմը․ նրա համար վաղուց արդեն մինևնույն էր ամեն ինչ։
Ընկնելով բազկաթոռին, նա ինքնաբերաբար, ակներկաբար համը չզգալով, գլուխը քաշեց այն ըմպելիքը, որ նրան լցրեց Սպենսերը։
― Խոսում է Մորիս Սպենսերը, «Ինտերփլանիթ Նյուսի» թղթակիցը, ես զրուցում եմ Թոմ Լոուսոնի հետ։ Դոկոտոր, առայժմ սոսկ հայտնի է, որ դուք և միստր Լոուրենսը, Ըրթսայդի գլխավոր ինժեները, գտել եք «Սելենը», և բոլոր ուղևորները ողջ և առողջ են։ Չէիք կարոց, արդյոք, առանց տեխնիկական մանրամասների մեջ մտնելու, մեզ պատմել, թե․․․ ա՛հ, սատանան տանի․․․
Նա որսաց դանդաց վայր ընկնող բաժակը՝ ոչ մի կաթիլ չթափելով, ապա քնած աստղագետին տեղափոխեց բազմոցին։ Ինչ արած, տրտնջալու հարկ չկա․ առայժմ սա առաջին վրիպումն էր իր ծրագրում։ Նույնիսկ անհաջողությունը դեռևս կարող է դառնալ հաջողություն։ Ոչ ոք չի կարող գտնել Լոուսոնին՝ էլ չենք ասում հարցազրույց ունենալ նրա հետ, քանի դեռ քնած է Սպենսերի սենյակում, որը «Պորտ֊Ռորիս» օթելում, ոչ առանց կատակի, լյուքս է համարվում։
Կլավիում «Լուսնաշրջիկի» գրասենյակի պետին հաջողվեց վերջապես համոզել բոլորին, որ ինքը ամենևին էլ չի հովանավորում որևէ մեկին։ Լսելով, որ «Սելենը» գտնվել է, Դևիսը թեթևացած շունչ քաշեց, բայց նրա ուրախությունը անմիջապես խամրեց, հենց որ «Ռեյտերը», «Թայմ֊Կոսմոսը», «Եռամոլորակային նորություններն» ու «Լունար Նյուսը» նրան հարցակոխ արին՝ թե ինչպե՞ս է պատահել, որ «Ինտերփլաիթը» առաջինն է ինֆորմացիա տվել։ Հեռատեսաբար բռնելով փոշեսահնակների խոսակցությունը, Մորիս Սպենսերը հասցրեց նորությունը գործակալություն հաղորդել ավելի շուտ, քան այն ստացվեց լուսնային ադմինիստրացիայում։
Սակայն, երբ ամեն ինչ վերջապես պարզվեց, մրցակիցները նույնպես հիացան այդ բախտավոր Սպենսերի ճարպկությամբ։ Իսկ նա դեռ իր բոլոր հաղթաթղթերը չէր բացել․․․
Կլավիի կապի հանգույցը մինչ այդ նույնպես դրամատիկական իրադարձությունների կենտրոնում էր, բայց ահա այդ ամեն ինչ գերազանցեց։ «Միևնույն է, թե ձայներ լսես անդրշիրիմյան աշխարհից», ― ինքն իրեն ասաց Դևիսը։ Դեռ քիչ առաջ այդ մարդկանց մեռած էին համարում, ― բայց ահա խնդրեմ, ողջ ու առողջ մեկը մյուսի հետևից մոտենում են միկրոֆոնին այնտեղ, գետնի տակ, որպեսզի հանգստացնեն իրենց հարազատներին ու մերձավորներին։ Զննաձողի շնորհիվ, որը միաժամանակ և՛ օրիենտիր էր, և՛ անտենա, լուսնափոշու տասնհինգ մետրանոց շերտն այլևս փոշեգնացը չէր մեկուսացնում ամբողջ մարդկություից։
Որքան էլ ռեպորտյորները տաքանում էին, պետք էր սպասել «Սելենից» դուրս եկող ուղերձների հեղեղի ընդհատվելուն, որպեսզի ինտերվյու վերցնեին։ Հիմա միսս Ուիլքինզն էր խոսում, նա թելադրում էր ուղևորների ռադիոգրերը։ Դևիսը լավ էր պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում փոշեգնացի մեջ։ Բոլորը շտապ֊շտապ հեռագրի ոճով գրոտում են գրքից պոկված թերթիկները, աշխատելով առավելագույն տեղեկություններ տալ նվազագույն բառերով։ Իհարկե, այդ նյութերը չի կարելի ոչ հրապարակել, ոչ էլ մեջ բերել, դրանք մասնավոր ուղերձներ են, և երեք մոլորակների փոստատների մեծավորները համատեղ ջանքերով իրենց զայրույթը կթափեն այն անզգույշ ռեպորտյորի գլխին, որը կհամարձակվեր խախտել արգելքը։ Ճիշտն ասած, լրագրողներին ընդհանրապես չի կարելի լսել այդ ալիքով, ու հանգույցի պետը արդեն քսաներորդ անգամ խստորեն նախազգուշացնում է նրանց։
― ․․․ Մարթային, Յանին ու Այվին ասա, որ չանհանգստանան ինձ համար, շուտով ես տանը կլինեմ։ Թոմից տեղեկացիր, թե ինչով վերջացավ բանակցությունները Էրիկսոնի հետ, ու հայտնիր ինձ հաջորդ սեանսի ժամանակ։ Համբուրում եմ բոլորիդ։ Ջորջ։ Վերջ։ Գրեցի՞ք։ «Ես «Սելենն» եմ։ Ընդունում եմ։
Լուսնի Կենտրոնականը կանչում է «Սելենին»։ Այո, մենք բոլորը գրեցինք, ձեր ռադիոգրերը կուղարկենք ու պատասխանները կհայտնենք ստանալուն պես։ Իսկ այժմ, խնդրեմ, միկրոֆոնի մոտ հրավիրեք նավապետ Հարրիսին։ Ընդունո՛ւմ եմ։
Հաջորդեց մի փոքր ընդմիջում, փակված խցում լսվեցին դղրդալի ձայներ, բազկաթոռի ճռճռոց, մի խուլ «ներեցեք», և վերջապես․
― Նավապետ Հարրիսը կանչում է կենտրոնականը։ Ընդունում եմ։
Դևիսը ձեռքն առավ միկրոֆոնը։
― Նավապետ Հարրիս, խոսում է «Լուսնաշրջիկի» պետը։ Ես գիտեմ, որ դուք բոլորդ շտապում եք ուղարկել ձեր հեռագրերը, բայց այստեղ են գտնվում գործակալությունների ներկայացուցիչները, նրանք շտապում են զրուցել ձեզ հետ, թեկուզ մի քանի խոսք փոխանակել։ Նախ և առաջ, չէ՞իք կարող դուք համառոտակի նկարագրել, թե ինչպիսին է իրադրությունն այժմ խցում։ Ընդունում եմ։
― Դե, ինչ ասեմ ձեզ․․․ Այստեղ շատ շոգ է, այնպես որ մենք թեթև ենք հագած։ Բայց բողոքելու տեղ չունենք, չէ որ այդ շոգի շնորհիվ դուք գտաք մեզ։ Ասենք արդեն ընտելացել ենք նրան։ Օդը դեռ չի ապականվել, ջուր ու պարեն ունենք․ ճիշտ է կերակուրը, ինչպես ասեմ, փոքր֊ինչ միօրինակ է։ Է՛լ ինչ կցանկանայիք իմանալ։ Ընդունում եմ։
― Նրան հարցրեք ուղևորների տրամադրության մասին․․․ ինչպե՞ս են պահում իրենց․․․ Տեղի չե՞ն տալիս․․․ ― լսվեց «Եռամոլորակային նորությունների» ներկայացուցչի ձայնը։
«Լուսնաշրջիկի» պետը հաղորդեց նրա հարցերը, ավելի վայելուչ ձև տալով նրանց։ Այնուամենայնիվ, դրանք նկատելի իրարանցում առաջ բերին «Սելենի» վրա։
― Բոլորն էլ արիաբար են պահում իրենց, ― պատասխանեց Պաթը՝ փոքր֊ինչ շտապելով։ ― Իհարկե, մեզ հուզում է այդ հարցը, թե ինչքա՞ն ժամանակ կպահանջվի մեզ այստեղից հանելու համար։ Կարո՞ղ եք որևէ բան ասել։ Ընդունում եմ։
― Գլխավոր ինժեներ Լոուրենսը այժմ Պորտ֊Ռորիսում է, մշակում է փրկարար գործողությունների պլան, ― պատասխանեց Դևիսը։ ― Հենց որ պլանը պատրաստ լինի, ժամկետը ձեզ կհայտնենք։ Պատմեցեք, խնդրեմ, ինչպե՞ս եք անցկացնում ժամանակը։ Ընդունում եմ։
Պաթը պատասխանեց այդ հարցին, ու նրա պատասխանը չհապաղեց բոլոր մոլորոկների վրա մեծ պահանջարկ առաջ բերել «Շեյնի» նկատմամբ, և ավա՜ղ, նկատելիորեն գցել «Նարինջ ու խնձորի» վարկը։ Այնուհետև նավապետը պատմեց դատական նիստերի մասին, որոնք առայժմ ընդհատվել են անորոշ ժամանակով։
― Դա շատ զվարճալի պետք է լինի, ― ասաց Դևիսը։ ― Բայց հիմա դուք մենակ չեք, մենք էլ կարող ենք օժանդակել ձեզ։ Մենք ձեզ համար կհաղորդենք ամեն ինչ՝ երաժշտություն, պիեսներ, բանավեճեր։ Միայն թե պատվիրեք։ Ընդունում եմ։
Պաթը ուշացրեց պատասխանը։ Ռադիոկապը կերպարանափոխեց իրենց կյանքը՝ հույս ծագեց, կապ է հաստատվել մերձավորների հետ։ Սակայն չգիտես ինչու նա նույնիսկ ափսոսում էր, որ առանձնացումը վերջ գտավ։ Ընկերականության զգացումը, որը չկարողացավ վիժեցնել նույնիսկ միսս Մոռլիի հարձակումը, արդեն սկսել էր չքանալ։ Այլևս չկա գոյության կռվում համախմբված միակուռ ջոկատը։ Նորից յուրաքանչյուրին տիրապետում են սեփական հոգսերն ու մտքերը։ Մարդկությունը վերստին կլանեց նրանց, ինչպես օվկիանոսը՝ կաթիլը։
Գլուխ տասնվեցերորդ
Գլխավոր ինժեներ Լոուրենսը գտնում էր, որ հանձնաժողովներից ու կոմիտեներից բան չի դուրս գա։ Նրա տեսակետը լայնորեն հայտնի էր Լուսնի վրա, որովհետև Վերահսկիչ կոմիտեի լիազորների հերթական հավաքից հետո (նրանք այցելում էին տարեկան երկու անգամ) գլխավորի աշխատանքային սեղանի վրա հայտնվեց այսպիսի բովանդակությամբ մի թուղթ․
«Կոմիտե՝ մի տեղ, ուր ԿՈթում են,
- Միտինգ են անում,
- ՏԵղում դոփում են»։
Բայց այդ կոմիտեն կարելի էր հանդուրժել․ նա համապատասխանում էր գլխավոր ինժեների մանրախնդիր պահանջկոտությանը։ Նախագահը ինքը Լոուրենսն էր․ արձանագրություններ, քարտուղարներ ու օրակարգեր չկային։ Եվ նա կարող էր սեփական ցանկությամբ մերժել կամ ընդունել կոմիտեի հանձնարարականները։ Լոուրենսը գլխովին պատասխանատու էր փրկարար գործողությունների համար, քանի դեռ գլխավոր ադմինիստրատորը հարկ չէր համարել նրան փոխարինել ուրիշով, ― իսկ այդ բանը կարող էր տեղի ունենալ միայն Երկրի շատ ուժեղ ճնշման տակ։ Կոմիտեն մտքեր հարուցողի ու տեխնիկական տեղեկատուի դեր էր խաղում․ նա, Լոուրենսի, այսպես ասած, «մտավոր տրեստն» էր։
Կոմիտեի տասներկու անդամներից Պորտ֊Ռորիսում ֆիզիկապես ներկա էին ընդամենը վեցը, մյուսները գտնվում էին Լուսնի, Երկրի ու տիեզերքի տարբեր կետերում։ Գետնաբանը, որ Երկրի վրա էր, աննպաստ պայմաններում էր գտնվում՝ չէ որ ռադիոալիքների արագությունը սահմանափակ է, այդ պատճառով էլ նրան վիճակված էր նիստերի մյուս մասնակիցներից միշտ ետ մնալ մեկուկես վայրկյանով․ դեռ մի այդքան էլ պահանջվում էր, որպեսզի նրա խոսքերը հասնեին Լուսին։ Ու գետնաբանին խնդրել էին, որպեսզի նա նշումներ անի թղթի վրա, միջամտի միայն ծայրահեղ դեպքերում, մեկնաբանումները պահի մինչև խորհրդակցության վերջը։ Լուսնի հետ սելեկտորային կապը թանկ էր նստում, ու շատերը արդեն կարողացել էին համոզվել, որ երեք վայրկյանի հապաղումը զսպում է նույնիսկ ամենաթունոտ վեճասերին։
― Նրանց համար, ովքեր գործից տեղյակ չեն, ― «ներկաբացական» ավարտելուն պես սկսեց Լոուրենսը, ― կարճառոտ կնկարագրեմ իրողությունը։ «Սելենը» պառկած է հորիզոնական դիրքով, խորությունը տասնհինգ մետր է։ Նավը վնասված չէ, բոլոր ագրեգատները գործում են, քսաներկու «բանտարկյալների» տրամադրությունը լավ է։ Թթվածնի պաշարը կբավականացնի դեռևս իննսուն ժամ՝ խնդրում եմ լավ հիշեք այդ ժամկետը։ Եթե մեկն ու մեկը չգիտի, թե ինչ տեսք ունի «Սելենը», նայեցեք այս տիպարին, որը իսկականի մեկ քսաներորդ մեծությունն ունի։ ― Նա սեղանից վերցրեց տիպարը ու մոտեցրեց հեռուստախցիկի օբյեկտիվին՝ սկզբում մեկ, ապա մյուս կողմով։ ― Նա հիշեցնում է ավտոբուս կամ, եթե կուզեք, ոչ մեծ սավառնակ։ Դրանից նա տարբերվում է միայն քարշային մեխանիզմի կառուցվածքով, որը գործի է դնում փոփոխական արագություն ունեցող ահա այս լայնաթիակ պտուտակները։ Մեր հիմնական թշնամին, բնականաբար, լուսնային փոշին է։ Ով անձամբ չի տեսել այն, չի կարող պատկերացնել, թե ինչ բան է այդ։ Ավազի կամ Երկրի վրա հայտնի այլ նյութերի հետ համեմատելը հաջող չի լինի, նա ավելի շուտ հիշեցնում է հեղուկ։ Ահա նմուշը։
Լոուրենսը ձեռքը վերցրեց երկար գլանը, որը մեկ երրորդի չափ լցված էր այդ գորշ փոշով։ Նա գլանը շուռ տվեց հատակը դեպի վեր, ու փոշին ցած հոսեց։ Այն հոսում էր ավելի արագ, քան օշարակը, բայց ավելի դանդաղ, քան ջուրը։ Մի քանի վայրկյան՝ ու փոշին նորից սյունի պես կանգնեց՝ հարթ ու ողորկ մակերեսով։ Առաջին հայացքից ամեն մարդ կասեր, որ դա հեղուկ է։
― Գլանը ամուր փակված է, շարունակեց Լոուրենսը, ― ներսում վակուում է, այնպես, որ լուսնափոշին մենք տեսնում ենք իր համար սովորական պայմաններում։ Բացօդյա վիճակում նրա հատկությունները փոխվում են, նա շատ ավելի մածուցիկ է դառնում ու շատ նման է լինում մանր ավազի կամ տալկի։ Նախօրոք ձեզ զգուշացնում եմ․ սինթետիկ եղանակով չես ստեղծի նմուշ, որը ունենար իսկականի բոլոր հատկանիշները։ Դրա համար այն պետք է չորացնել մի քանի միլիարդ տարի։ Եթե փորձերի համար փոշու կարիք ունենաք, մենք կարող ենք ուղարկել ինչքան ուզեք, չենք աղքատանա։ Մի քանի դիտողություններ ևս։ «Սելենը» խորտակվել է մոտակա ցամաքից՝ «Անմատչելիության լեռներից, երեք կիլոմետրի վրա։ Հավանական է, նավի տակ փոշաշերտը մի քանի հարյուր մետր խոր է դեռևս, բայց հազիվ թե։ Ու ոչ մի երաշխիք չկա, որ փոշեգնացը ավելի խոր չի գնա։ Ճիշտ է, երկրաբանները քիչ հավանական են գտնում դա։ Աղետի վայրը կարելի է հասնել միայն փոշեսահնակներով։ Մենք միայն երկուսն ունենք, երրորդը արդեն բերում են Ֆարսայդից։ Փոշեսահնակը վերցնում է կամ բուքսիրով քաշում է մինչև հինգ տոննա, պլատֆորման դիմանում է մինչև երկու տոննանոց առանձին առարկաների։ Հերևաբար, մենք չենք կարող փախադրել շատ ծանր մեխանիզմներ։ Ահա այսպիսին է գործերի վիճակը։ Մենք իննսուն ժամ ժամանակ ունենք։ Ի՞նչ եք առաջարկում։ Ես որոշ մտքեր ունեմ, բայց մինչ այդ կցանկանայի լսել ձեզ։
Տիրեց լռություն․ կոմիտեի անդամները, որոնց բաժանում էր մինչև չորս հարյուր հազար կիլոմետր տարածություն, լարված մտածում էին, թե ինչպես լուծել խնդիրը։ Եվ ահա խոսեց Ըրթսայդի գլխավոր ինժեները․ նրա շտաբը գտնվում էր Ժոլիո֊Կյուրիի խառնարանից ոչ հեռու։
― Վախենում եմ, որ իննսուն ժամվա ընթացքում մենք ոչինչ չենք հասցնի անել։ Հատուկ պատրաստություններ պետք է տեսնել, որը միշտ շատ ժամանակ է խլում։ Այդ պատճառով էլ սկզբում հարկավոր է օդամուղ տալ «Սելենին»։ Որտե՞ղ է գտնվում նրա հաղորդակցության ցանցը։
― Ետնամասում, գլխավոր մուտքի ետևում։ Բայց ես չեմ պատկերացնում, թե ինչպես տասնհինգ մետր խորության վրա խողովակը միացնենք նավին։ Էլ չենք ասում այն մասին, որ խողովակը փոշով կլցվի։
― Ես առաջակություն ունեմ, ― միջամտեց մեկ այլ ձայն։ ― Վերևից գայլիկոնով ծակել փոշեգնացի առաստաղը։
― Երկու խողովակ կպահանջվի, ― նկատեց մեկ ուրիշը։ ― Մեկը՝ թթվածին տալու, մյուսը ապականված օդը արտամղելու համար։
― Այլ կերպ ասած, օդը մաքրելու համար հարկավոր է մի ամբողջ ագրեգատ։ Կարելի է առանց դրա յոլա գնալ, եթե նրանց ազատենք մինչև ճգնաժամը վրա հասնելը։
Չափազանց մեծ ռիսկ կլինի դա։ Ավելի լավ է օդ տալ նրանց ու գործել առանց շտապողականության, մոռանալով այդ չարաբաստիկ իննսուն ժամվա մասին։
― Համաձայն եմ, ― ասաց Լոուրենսը։ ― Ու իր մարդկանց հանձնարարեց նախապատրաստել ամեն անհրաժեշտ բան։ Հաջորդ հարցը․ փորձենք փոշեգնացը բարձրացնել մարդկանցով հանդերձ, թե՞ մարդկանց հանենք մեկ առ մեկ։ Հիշեցնում եմ, որ ներքևում միայն մեկ սկաֆանդր կա։
― Իսկ չի՞ կարելի արդյոք, լայն խողովակ մոտեցնել դռանն ու միացնել այն փոխանցման խցիկի հետ, ― հարցրեց գիտնականներից մեկը։
― Նույնքան դժվար է, ինչքան օդամուղ անցկացնելը։ Նույնիսկ ավելի դժվար՝ միացման մակերեսը շատ ավելի մեծ է։
― Իսկ ի՞նչ կասեք կեսսոնի[3] մասին, մեծ կեսսոնի, որը կարող էր ընդգրկել ամբողջ փոշեգնացը։ Այն իջեցնել պետք եղած խորության վրա և դուրս տալ փոշին։
― Տոննաներով ցցեր ու ամրական հեծաններ կպահանջվի։ Չմոռանաք նաև․ հատակը պետք է հերմետիկ լինի, այլապես փոշին կթափանցի ներքևից նույնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ մենք կարող ենք հանել այն վերևից։
― Իսկ կարելի՞ է այդ նյութը քաշել օդահանով, ― հարցրեց ինչ֊որ մեկը։
― Այո, եթե համապատասխան պոմպ լինի։ Այդ փոշին արտածծել չի կարելի, այն պետք է վեր քաշել։ Սովորական պոմպը անմիջապես շնչասպառ կլինի։
― Այս լուսնային փոշին համատեղում է կարծր ու հեղուկ մարմինների վատթարագույն հատկությունները, ― գանգատվեց Պորտ֊Ռորիսի ինժեների օգնականը։ ― Իսկ արժանիքներ՝ ոչ մի։ Այն չի ուզում հոսել, երբ հարկավոր է մեզ, փոխարենը շատ լավ հոսում է, երբ պետք չէ։
― Թույլ տվեք ճշտել, ― միջամտեց պատեր Ֆերրարոն․ նա նստած էր Պլատոնի խառնարանի իր աշխատանոցում։ ― «Փոշի» բառը միայն մոլորեցնում է։ Խոսքը այնպիսի նյութի մասին է, որը Երկրի վրա չես գտնի։ Վերջին հռետորը ճիշտ է․ երբեմն այն հիշեցնում է չթրջվող հեղուկ՝ ինչպես սնդիկը, բայց շատ ավելի թեթև։ Իսկ երբեմն էլ ձյութի նման է, այն տարբերությամբ, որ շատ ավելի արագ է հոսում։
― Միգուցե, կարելի՞ է նրան կայունություն հաղորդել։
― Ինձ թվում է այդ հարցը Երկրի համար է, ― խոսակցությանը խառնվեց Լոուրենսը։ ― Դոկտոր Էվանս, դուք ի՞նչ կասեք։
Երեք վայրկյանի հապաղումը, ինչպես միշտ, շատ երկար թվաց։ Վերջապես լսվեց գետնաբանի ձայնը, այնքան պարզ, ասես կողքիդ լիներ։
― Ես հենց այդ մասին եմ մտածում։ Կարելի է մի որևէ օրգանական միակցող նյութ գտնել՝ սոսնձանման բան։ Դա կհեշտացներ աշխատանքը փոշու հետ։ Իսկ սովորական ջուրը պիտանի չի՞ լինի։ Չե՞ք փորձել։
― Դեռ ոչ, բայց կստուգենք, ― պատասխանեց Լոուրենսը, իր մոտ նշում կատարելով։
― Այդ նյութը մագնիսական հատկություն ունի՞, ― հարցրեց հերթական դիսպետչերը։
― Իսկապե՜ս, ― արձագանքեց Լոուրենսը։ ― Սենիոր Ֆերրարո, պատասխանեք մեզ այդ հարցին։
― Ունի, ոչ մեծ չափով․ նրա մեջ մի քիչ մետեորային երկաթ կա։ Բայց դա չի օգնի մեզ։ Մագնիսը կարող է դուրս քաշել եղած երկաթը, իսկ փոշու վրա ամբողջովին վերցրած չի ազդի։
― Եվ, այնուամենայնիվ, փորձենք, ― Լոուրենսը մի նշում ևս արեց։
Գլխավոր ինժեները հոգու խորքում թեև շատ թույլ՝ մի հույս էր տածում, ― որ մտքերի այդ բախումից թեևս մի փայլուն գաղափար ծնվի, առաջին հայացքից ֆանտաստիկական, բայց հիմնականում մի խելոք մտահղացում, որը լուծում կտա իր պրոբլեմին։ Այո, այո՝ իր։ Դուր է գալիս իրեն, թե ոչ, գլխավոր ինժեները իր բաժիններով ու ենթականերով պատասխանատու է Լուսնի այս կողմի ամբողջ տեխնիկայի համար։ Մանավանդ, երբ այդ տեխնիկայի հետ բան է պատահում։
― Ես կարծում եմ, որ հիմնական արգելքը նյութա֊տեխնիկական ապահովումը կլինի, ― ասաց Կլավիի դիսպետչերը։ ― Ամեն ինչ պետք է փոխադրել փոշեսահնակներով, իսկ դա նշանակում է ամենաքիչը երկու ժամ այնտեղ ու ետ, նույնիսկ ավելին, եթե բուքսիրի վերցնենք ծանր բեռը։ Եվ բացի այդ, փոշեգնացի վերևում, Ծովի վրա նախ պետք է ստեղծել շինարարական հրապարակ, տախտակամածի նման մի բան։ Միայն դրա վրա մի ամբողջ օր կգնա, ու շատ ավելին՝ հանդերձանքը տեղափոխելու համար։
― Ներառյալ փրկարարների ժամանակավոր բնակատեղին, ― ավելացրեց ինչ֊որ մեկը։ ― Նրանք պետք է հաստատվեն տեղում։
― Դե, դա հեշտ է․ հենց որ տախտակամածը պատրաստ լինի, նրա վրա կարելի է իգլու[4] դնել։
― Դրա համար տախտակամած պետք չէ։ Իգլուն կանգուն կմնա մակերևույթի վրա։
― Անդրադառնանք տախտակամածին, ― ասաց Լոուրենսը։ ― Կպահանջվեն ամուր քանդովի հանգույցներ, որոնց կարելի է տեղում հավաքել։ Ինչպիսի՞ առաջարկություններ կան։
― Վառելիքի դատարկ տակառնե՞ր։
― Շատ մեծ ու անկայուն են։ Լավ, մի բան կգտնենք Տեխնիկական բաժնի պահեստում։
― Եվ այլն, և այլն․ մտավոր տրեստը շարունակում էր իր աշխատանքը։ Լոուրենսը մտադիր էր ևս կես ժամ հատկացնել խորհրդակցությանը։ Ապա նա կորոշի՝ ինչպես վարվել։ Չի կարելի խոսակցություններով տարվել, երբ հաշված է յուրաքանչյուր րոպեն ու մարդկանց կյանքը մազից է կախված։ Մյուս կողմից, հապճեպ, բավականաչափ չմտածված պլանները միայն կվնասեն, անտեղի կանցնեն ջանքերն ու նյութերը, և ամեն ինչ կորստի կմատնվի․․․
Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է թվում։ Փոշեգնացը գտնվել է, ու ընդամենը հարյուր կիլոմետր է բաժանում նրան լավ հագեցված Խարսխակայանից։ «Սելենի» տեղը միանգամայն ճիշտ է որոշված, նա գտնվում է տասնհինգ մետր խորության վրա։ Ընդամենը տասնհինգ, բայց ինչպիսի՜։ Իր բազմամյա կարիերայի ընթացքում Լոուրենսը հազվադեպ է առիթ ունեցել ընդհարվելու նման դժվարին խոչընդոտի հետ։
Այդ կարիերան կարող է շատ շուտով վերջ գտնել։ Եթե այդ քսաներկու հոգին զոհվեն, արդարանալը նրա համար հեշտ չի լինի։
Ազնիվ խոսք, ափսո՜ս, որ ոչ ոք չտեսավ «Աուրիգայի» վայրէջքը՝ դա մի հոյակապ տեսարան էր։ Մարդկության ստեղծած բոլոր տեսիլքներից ամենատպավորիչը՝ տիեզերանավի թռիչքն ու վայրէջքն է։ Այն զիջում է միայն միջուկագետների հնարամտության շատ ավելի ցայտուն օրինակներին։ Իսկ երբ այդ ամենը լինում է Լուսնի վրա, ուր ամեն ինչ տեղի է ունենում ասես դանդաղեցված կինոնկարում ու արտառոց լռության մեջ, տպավորությունը անջնջելի է, ինչպես քմաբարո երազում։
Նավապետ Անսոնը գլուխը չցավեցրեց նավարկության նրբություններով, մանավանդ որ վառելիքի հոգսը ինքը չէր քաշում։ «Նավապետների համար ուղեցույցում» ոչինչ չէր ասված այն մասին, թե ինչպես հսկա տիեզերանավով հարյուր կիլոմետրանոց թռիչքներ կատարել (պատկերացրեք միայն՝ հարյուր կիլոմետր), թեև մաթեմատիկոսները, անտարակույս, հաճույքով կհաշվեին՝ վարիացիոն հաշվարկման հիման վրա վառելանյութի նվազագույն ծախսով ուղեծիրը։ Անսոնը պարզապես հուպ տվեց հազար կիլոմետր դեպի վեր (դրանով սկսեցին ինքնաբերաբար գործել Միջմոլորակային կոդեքսով նախատեսված հեռավոր տարիֆները, որի մասին առայժմ նա գերադասում էր չպատմել Սպենսերին), ապա ետ շրջեց ու վայրէջքի գնաց, կողմնորոշվելով ռադարով։ Ռադարն ու հաշվիչ մեքենան հսկում էին մեկ֊մեկու, իսկ նավապետ Անսոնը վերահսկում էր նրանց։ Երեքից յուրաքանչյուրը կարող էր ինքնուրույն կատարել խնդիրը, այնքան որ, ամեն ինչ պարզ ու հուսալի էր։ Ճիշտ է, անտեղյակ մարդուն կարող էր այլ կերպ թվալ։
Դա միանգամայն վերաբերում էր նաև Մորիս Սպենսերին։ Նայելով մերկ լեռնագագաթների անհագ ժանիքներին, լրագրողը հանկարծ սուր կարոտով հիշեց Երկրի կանաչ սարերը։ Ու ասա ի՞նչ ուներ, ինչո՞ւ այդ գործը բռնեց։ Կարծես ինքնասպանություն գործելու ավելի էժան միջոց չկար․․․
Առանձնապես նա իրեն վատ էր զգում երկու արգելակումների միջև ընկած անկշռելիության վիճակում։ Իսկ, եթե հանկարծ արգելակիչ հրթիռները չաշխատեն, ու տիեզերանավը ավելացնելով արագությունը ընկնի հա ընկնի, մինչև Լուսնի վրա ջարդուփշուր լինե՞լը։ Ու հարկ էլ չկա ինքդ քեզ համոզես, որ դրանք դատարկ բաներ են, երեխայական սարսափներ՝ չէ որ նման դեպք պատահել է, և ո՛չ մեկ անգամ։
Սակայն «Աուրիգայի» հետ ոչինչ չպատահեց։ Արգելակիչ շարժիչների ահեղ կատաղությունը դուրս ցայտեց լեռների վրա, երկինք հանելով փոշին ու տիեզերական մրուրը, որոնք անվրդով պառկած էին այնտեղ երեք միլիարդ տարի։ Մի պահ նավը քարացավ տեղում հավասարակշռության վիճակում, գետնից մի քանի սանտիմետրի վրա, ապա հրեղեն թաթերը, որոնց վրա նա հենվում էր, դանդաղ, ասես դիմադրելով, մտան իրենց պատյանը։ Շասսիի լայն չռած ոտքերը գետնին առան, «ներբանները» շրջվեցին, հարմարվելով անհարթություններին, տիեզերանավը ցնցվեց ի վերջո, մինչ մեղմիչները մարեցին հարվածի մնացած էներգիան։
Քսանչորս ժամվա ընթացքում Մորիս Սպենսերը երկրորդ անգամ էր վայրէջք կատարում Լուսնի վրա։ Բավականին հազվադեպ երևույթ։
― Այսպես, ― ասաց նավապետ Անսոնը, վեր կենալով դեկի մոտից։ ― Հուսով եմ, այստեղից երևացող տեսարանը ձեզ ձեռք է տալիս։ Այն ձեզ կարժենա մի կարգին գումար, դեռ մենք չենք խոսել արտաժամյաների մասին։ Տիեզերական արհմիությունը․․․
― Դուք պարզապես անհոգի մարդ եք, նավապետ։ Մի այսպիսի ժամանակ գլուխս տանում եք մանր֊մունր բաներով։ Եվ, եթե ինձ վրա թանկ չի նստի, թույլ տվեք շնորհավորել ձեզ անբասիր վայրէջքի համար։
― Ինչ եք ասում, դա շատ սովորական բան է, ― պատասխանեց նավապետը․ սակայն չկարողացավ ծածկել իր գոհունակությունը։ ― Ի դեպ, խնդրեմ ստորագրեք նավամատյանում․․․ ահա այստեղ, ուր նշված է վայրէջքի ժամանակը։
― Դա ինչի՞ համար, ― զգուշացավ Սպենսերը։
― Հաստատում եք ձեր ժամանումը։ Նավամատյանը մեր հիմնական իրավաբանական փաստաթուղթն է։
― Ձեռագիր մատյա՛ն։ Շատ է մոդայից ընկած, ― ասաց Սպենսերը։ ― Ես կարծում էի մեր օրերում ամեն ինչ անում է էլեկտրոնիկան։
― Սովորություն է, ― պատասխանեց Անսոնը։ ― Իհարկե, ինքնագիր մեխանիզմը անընդհատ միացրած է, քանի շարժիչները աշխատում են․ նրանով միշտ կարելի է վերականգնել թռիչքը։ Բայց միայն նավապետի մատյանում դուք կգտնեք փոքրիկ առանձնահատկություններ, որոնք մի ճանապարհորդությունը զանազանում են մյուսից։ Ասենք՝ «Առավոտյան չորրորդ կարգի ուղևորներից մեկը երկվորյակներ ծնեց»։ Կամ՝ «Վեց կեսժամյակից հետո աջ նավակողից երևաց Սպիտակ կետը»։
― Խոսքերս ետ եմ վերցնում, նավապետ, ― ասաց Սպենսերը։ ― Դուք անհոգի չեք։
Նա ստորագրեց մատյանում ու մոտեցավ լուսնացույցին։ Շրջահայման լուսամուտներ կային միայն կառավարման խցիկում, գետնից հարյուր հիսուն մետր բարձրության վրա։ Ռեպորտյորի աչքերի առջև բացվեց մի հոյակապ տեսարան։ Հյուսիսային կողմից, կիսով չափ երկինքը փակելով, դեպի վեր էին բարձրանում Անմատչելիության լեռների գագաթները։ Բայց այդ անունը արդեն չէր բռնում նրանց․ չէ որ ինքն արդեն այստեղ էր։ Ու քանի որ նավը այստեղ է, վատ չէր լինի միաժամանակ գիտության համար ևս մի բան անել, թեկուզ ապարների նմուշներ հավաքել։ Թերթը թերթ, բայց Սպենսերը շատ կուզենար հայտնագործել մի որևիցե բան։ Ամենաշատ բան տեսած մարդն իսկ չի դիմանա չուսումնասիրվածի ու անհայտի գաղտնիքների մեջ թափանցելու գայթակղությանը։
Դեպի հարավ, մի քառասուն կիլոմետրի վրա փռված էր Ծարավի ծովը։ Տեսադաշտի կեսից ավելին գրավում էր շատ կանոնավոր գորշ աղեղը։ Բայց Սպենսերին հետաքրքրում էր այն, ինչ գտնվում էր լեռներից ընդամենը հինգ կիլոմետրի վրա։
Երկու հազար մետր բարձրությունից նա սովորական հեռադիտակով պարզ տեսնում էր Լոուրենսի թողած կողմնորոշիչը՝ մետաղե ձողը, որը այժմ «Սելենը» կապում էր ամբողջ արտաքին աշխարհի հետ։ Առանձնապես ոչինչ չկա․ անծայրածիր հարթության վրա տնկված մի փոքրիկ սեպ․․․ Բայց այդ արտահայտիչ սովորականության մեջ ինչ֊որ հուզիչ բան կար։ Հիանալի կադր բացման համար՝ մարդու մենության խորհրդանիշը մարդկային մենության հսկա թշնամի տիեզերքում, որը նա ջանում էր նվաճել։ Մի քանի ժամ հետո այս հարթավայրը կենդանություն կառնի, իսկ առայժմ ձողի ֆոնի վրա հեռուստամեկնաբանները կարող են քննարկել փրկարար աշխատանքների պլանը, ընդմիջումները լրացնելով համապատասխան տեսախոսություններով։ Բայց դա արդեն իրեն չի վերաբերվում, Կլավիի ու Երկրի հեռուստաստուդիայի տղաները կգտնեն նյութը հրամցնելու եղանակը։ Սպենսերի գործն է նյութ հասցնել իր «արծվաբնից»։ Գրեթե լիակատար վակուումի հիանալի պարզությունն ու փոփոխակի տարածական ֆոկուսով հզոր օբյեկտիվը կօգներ մոտիկից ու մանրամասն ցույց տալ փրկարար աշխատանքները։
Մորիս Սպենսերը նայեց հարավ֊արևմուտք։ Արևը ալարկոտ մագլցում էր դեպի վեր։ Համարյա երկու շաբաթվա ցերեկ կա դեռևս (երկրային հաշվով) այնպես որ լուսավորությունը տեղը֊տեղին կլինի։ Բեմը պատրաստ է։
Գլուխ տասնյոթերորդ
Գլխավոր ադմինիստրատոր Ուլսենը աղմկարարություն չէր սիրում, ավելի հարմար էր տեսնում լռակյաց (բայց արդյունավետ) ղեկավարելը, զրուցասերներին, ինչպիսին էր, օրինակ, «Լուսնաշրջիկի» պետը, թողնելով ռեպորտյորների հետ ասել֊խոսելը։ Այդ պատճառով էլ շատ ավելի տպավորիչ էր նրա հազվադեպ ասպարեզ գալը։ Ինչ խոսք, նա այդ բանը հաշվի էր առնում։
Այժմ Ուլսենին էին նայում միլիոնավոր մարդիկ։ Ճիշտ է, քսաներկու հոգին, որոնց նա դիմում էր առաջին հերթին, նրան չէին կարող տեսնել, քանի որ հարմար չէին գտել հեռուստացույց դնել «Սելենի» վրա, բայց ադմինիստրատորի ձայնը բավականին համոզիչ էր հնչում։ Նրանք լսեցին այն, ինչ ուզում էին իմանալ։
― Ալլո, «Սելեն», ― խոսում էր գլխավոր ադմինիստրատորը։ ― Ես ուզում եմ ասել, որ ձեզ փրկելու համար ձեռնարկվել են Լուսնի վրա եղած բոլոր միջոցները։ Մեր ինժեներներն ու տեխնիկները աշխատում են օր ու գիշեր։ Փրկարար գործողոըթյունների պատասխանատվությունը դրված է միստր Լոուրենսի, Ըրթսայդի գլխավոր ինժեների վրա։ Ես միանգամայն վստահում եմ նրան։ Այժմ նա Պորտ֊Ռորիսում հատուկ նախապատրաստություններ է տեսնում փրկարար աշխատանքների համար։ Որոշվել է, և դուք, իհարկե, հավանություն կտաք դրան, ― նախ և առաջ լրացնել ձեր թթվածնի պաշարները։ Դրա համար մենք պատրաստվում ենք խողովակներ իջեցնել, դա կարելի է արագ անել։ Ի դեպ, խողովակները մեզ հնարավորություն կտան ձեզ ոչ միայն թթվածին մատակարարել, այլ, եթե հարկ լինի, նաև ջուր ու պարենամթերք։ Հետևաբար, հենց որ խողովակամուղը աշխատեց, ձեր մտահոգությունները վերջ կգտնեն։ Փոշեգնացին հասնելու և ձեզ ազատելու համար կպահանջվի ևս մի որոշ ժամանակ, բայց դուք արդեն ապահով կլինեք։ Հանգիստ եղեք, մի հուզվեք։ Ես վերջացնում եմ, այս կանալը դուք կարող եք օգտագործել ձեր մերձավորների հետ խոսակցելու համար։ Ցավալի է, որ այդքան զրկանքներ ու անձկություններ բաժին ընկան ձեզ, բայց այժմ արդեն այդ ամենը հետևում մնաց։ Մեկ երկու օրից դուք վերևում կլինեք։ Մնաք բարո՜վ։
Ադմինիստրատորի խոսքն ավարտելուն պես՝ «Սելենը» թնդաց ձայներից։ Ուլսենը իր նպատակին հասավ․ դժբախտ պատահարը ուղևորների համար վերածվեց մի հրապուրիչ արկածի, որը բավական է ամբողջ կյանքի ընթացքում բարեկամներին ու ծանոթներին պատմելու համար։ Միայն Պաթ Հարրիսոնն էլ մռայլված։
― Մեր գլխավորը ինչ֊որ շատ վստահ֊վստահ էր խոսում, ― ասաց նա կոմոդոր Հանստենին։ ― Մեզ մոտ Լուսնի վրա այդ բանը ընդունված չէ․ միշտ անակնկալի կարող ես գալ։
― Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, ― պատասխանեց կոմոդորը։ ― Բայց նրան չկշտամբենք, նա մեր տրամադրության մասին է մտածում։
― Ինչ կա որ, տրամադրություններս հիանալի է։ Նամանավանդ հիմա, երբ կարելի է խոսել հարազատների ու մերձավորների հետ։
― Ի դեպ, ուղևորների մեջ կա մեկը, որը չի ուղարկել ու չի ստացել և ոչ մի ռադիոգիր։ Ավելին, նա կարծես չի էլ ուզում ոչինչ ուղարկել։
― Իսկ ո՞վ է դա։
Հանստենը բոլորովին իջեցրեց ձայնը։
― Ռեդլին, նորզելանդացին։ Քաշվել է անկյուն ու նստել։ Չգիտեմ ինչու նա ինձ դուր չի գալիս։
― Գուցե, խեղճը ոչ ոք չունի՞ Երկրի վրա։
― Չեմ հավատա, որ մեկը, որը կարող է Լուսնի տոմս գնել, ամենևին բարեկամներ չունենա, ― առարկեց կոմոդորը։ Թեթևակի ժպիտը մի պահ հարթեց նրա դեմքի խորշոմները։ ― Կարծես, ես ցինիկ եմ դառնում․․․ Եվ, այնուամենայնիվ, առաջարկում եմ աչքներս միստր Ռեդլիի վրա պահել։
― Դուք նրա մասին արդեն ասե՞լ եք Սյուին․․․ ըմ․․․ միսս Ուիլքինզին։
― Նա՛ իմ ուշադրությունը հրավիրեց Ռեդլիի վրա։
«Ես ինքս կարող էի գլխի ընկնել, ― հավանություն տալով մտածեց Պաթը։ ― Սյուն ամեն ինչ նկատում է»։
Այժմ, երբ արդեն ապագան այնքան էլ մռայլ չէր, Պաթ Հարրիսոնը սկսեց լրջորեն մտածել իր և Սյուի հարաբերությունների մասին, նրա ասածների մասին։ Մինչ այդ նա սիրահարվել էր, բայց սա արդեն այլ բան է։ Նրանք մի տարուց ավելի է, ինչ ծանոթացել են։ Սյուն անմիջապես դուր եկավ նրան։ Բայց մինչև օրս նրանց միջև դեռ ոչինչ չէր եղել։ Բայց և այնպես, ինչպե՞ս է նա վերաբերվում իրեն։ Արդյո՞ք արդեն ափսոսում է անցման խցիկում պատահած փոքրիկ միջադեպի համար, թե նրա համար այդ ոչինչ չարժե։ Նա կարող է հայտարարել (ու ինքը նույնպես, եթե բանը դրան գա), որ իրենց համբույրը ոչինչ չի նշանակում, րոպեական մի պոռթկում էր մահացու վտանգի դեմ֊հանդիման։ Մի պահ իրենց մոռացան, և ուրիշ ոչինչ։
― Իսկ եթե ո՞չ։ Գուցե վերջին օրերի լարվածությունը օգնեց նրանց այդ բանում․․․ Ինչպե՞ս համոզվել դրանում։ Միգուցե, գիտական անսխալ եղանակ կա որոշելու, թե երբ ես իսկականից սիրում, բայց Պաթը դեռևս չէր լսել դրա մասին․․․
Պիրսի մոտ, որտեղից չորս օր առաջ մեկնել էր «Սելենը», լուսնափոշու խորությունը ընդամենը երկու մետր էր, բայց փորձի համար պետք էլ չէր ավելին։ Եթե շտապ պատրաստված կառուցվածքը դիմանա փորձարկմանը այստեղ, այն կարելի է օգտագործել նաև բաց ծովում։
Տիեզերանավի լուսամուտից Լոուրենսը դիտում էր, թե ինչպես են սկաֆանդրավոր մարդիկ տախտակամած հավաքում ալյումինե շերտերից ու հեծաններից՝ նյութ, որ Լուսնի վրա կիրառվում է գրեթե բոլոր կառուցվածքներում։
Ինչ էլ ասես, Լուսինը որոշ իմաստով՝ դրախտ է ինժեներների համար։ Փոքր ձգողականություն, չկա ոչ ժանգ, ոչ կոռոզիա, հարկ չկա վախենալու կլիմայի քմահաճությունից՝ ոչ մի քամի, անձրև, ջերմաստիճանի տատանում։ Դրանց շնորհիվ վերանում են մի ամբողջ շարք խոչընդոտներ, որոնք շատ են խանգարում շինարարներին Երկրի վրա։ Իհարկե, Լուսինն էլ իր առանձնահատկություններն ունի․ երկու հարյուր աստիճանանոց գիշերային սառնամանիքը, փոշին, որի հետ նրանք այժմ մարտնչում են։
Տախտակամածի թեթև կմախքը հենվում էր տասներկու մետաղյա ցիստերների վրա, որոնց վրա պարզ երևում էր հետևյալ մակագրությունը․
Էթիլային սպիրտ։ Դատարկ ցիստեռները խնդրվում է վերադարձնել N3 ապրանքային բազան, Կոպեռնիկոս»։
Այժմ ցիստեռններում վակուում էր, ու նրանցից յուրաքանչյուրը կարող էր պահել երկու լուսնային տոննա։
Տախտակամածի հավաքումը արագ էր ընթանում։ Լոուրենսի մտքով անցավ, որ պետք է հոգալ պահեստային հեղույսների ու պնդօղակնեի մասին։ Նրա աչքերի առջև հինգ֊վեց հատ ընկան փոշու մեջ, որն անմիջապես կուլ տվեց դրանք։ Ահա և պնդօղակի բանալին ընկավ այնտեղ․․․ Պետք է հրաման տալ, որպեսզի գործիքները կապեն տախտակամածին, որքան էլ դժվարացնի դա աշխատանքը։
Տասնհինգ րոպե։ Վատ չէ, եթե հաշվի առնենք, որ մարդիկ աշխատում են վակուումում և սկաֆանդրը դժվարացնում է նրանց շարժումները։ Տախտակամածը կարելի է ավելացնել ուզածդ ուղղությամբ, բայց սկզբի համար այս էլ է բավական։ Միայն այսքանը կբարձրացնի ավելի քան քսան տոննա, իսկ այդ քսան տոննան դեռևս պետք է փոխադրել աղետի վայրը։
Տեսնելով, որ ամեն ինչ այստեղ կարգին է, Լոուրենսը դուրս եկավ տիեզերակայանի շենքից․ օգնականները կհետևեն աշխատանքին։ Հինգ րոպե անց (Պորտ֊Ռորիսի առավելություններից մեկը՝ հինգ րոպեում կարելի էր հասնել նրա ուզածդ կետը) նա մտավ մեխանիկական արհեստանոցը։ Այստեղ նրան շատ ավելի քիչ մխիթարական պատկեր էր սպասում։
Ոտքերի վրա դրված էր երկու քառակուսի մետր տարածությամբ մի մակետ, որը ճիշտ և ճիշտ ընդօրինակում էր «Սելենի» տանիքի մասը, չկար միայն ալյումինապատ բարակ շերտը, որը արտացոլում էր արևի ճառագայթները, ― այն չէր կարող ազդել փորձի ելքի վրա։
Իսկ փորձը չափազանց պարզ էր, նրա համար ընդամենը երեք բան էր պահանջվում․ սուր լինգ, ծանր մուրճ ու մի դառնացած մեխանիկ, որը ինչքան էլ չարչարվում էր՝ չէր կարողանում ծակել մակետը։
Ով փոքրիշատե ծանոթ է Լուսնի պայմաններին, անմիջապես կհասկանա անհաջողության պատճառը․ մուրճի քաշը, բնականաբար, կազմում էր երկրայինի մեկ վեցերորդը։ Ահա թե ինչու, նույնպես հասկանալի պատճառով, հարվածի ուժը նույնքան անգամ պակաս էր։
Միանգամայն սխալ դիտողությո՛ւն։ Ոչ մասնագետի համար շատ դժվար է հասկանալ կշռի ու մասսայի միջև եղած տարբերությունը․ ի դեպ, դա քանիցս դժբախտ դեպքերի պատճառ էր դարձել։ Կշիռը՝ անկայուն հատկանիշ է, այն կարելի է փոփոխել մի աշխարհից մյուսը ճանապարհորդելիս։ Երկրի վրա այդ նույն մուրճը վեց անգամ ծանր կլինի, քան Լուսնի վրա, Արևի վրա՝ գրեթե երկու հարյուր անգամ, տիեզերքում այն անկշռելի կլինի։
Սակայն ամենուրեք տիեզերքում նրա մասսան կամ իներցիան անփոփոխ կմնան։ Մուրճին որոշակի արագություն հաղորդելու ճիգը, և հարվածը նրա կանգնելու ժամանակ, ամենուր ու միշտ միատեսակ կլինեն։ Աստերոիդի վրա, որտեղ գրեթե բացակայում է ձգողականությունը և մուրճը փետուրից թեթև կլինի, նա այնպես կփշրի քարը, ինչպես Երկրի վրա։
― Բանն ինչո՞ւմն է, ― հարցրեց Լոուրենսը։
― Տանիքը շատ է ճկվում, ― ճակատի քրտինքը սրբելով ասաց մեխանիկը։ ― Լինգը ետ է թռչում։
― Պարզ է․․․ Բայց մենք օգտագործելու ենք ամեն կողմից փոշով սեղմված տասնհիգմետրանոց խողովակ։ Թերևս դա մարի հետհարումը։
― Թերևս։ Բայց դուք այստեղ նայեք․․․
Նրանք պպզեցին մակետի մոտ ու տակից նայեցին։ Կավիճով քաշված գծերը ցույց էին տալիս, թե առաստաղի երկայնությամբ ինչպես են անցնում էլեկտրալարերը, որոնց ավելի լավ է չդիպչես։
― Այս ֆիբրոգլասը (թելապակի) շատ ճկուն է, կանոնավոր անցք չի ստացվի։ Այն ճաքճքում ու փշրվում է։ Տեսեք, արդեն ճեղքեր են առաջանում։ Վախենում եմ, ամբողջ առաստաղը այլանդակենք։
― Իսկ դա չի կարելի, ― համաձայնեց Լոուրենսը։ ― Լավ, դադարեցրեք։ Քանի որ ուղղակի ծակել չի կարելի, կգայլիկոնենք։ Հորատիչը այնպես կամրացնենք խողովակի ծայրին, որպեսզի հեշտ լինի հանելը։ Ի դեպ, խողովակները պատրա՞ստ են։
― Գրեթե պատրաստ են, այստեղ ամբողջ սարքավորումը ստանդարտ է, նոր բան հնարելու հարկ չկա։ Երկու֊երեք ժամ հետո կվերջացնենք։
― Ես երկու ժամ հետո կգամ, ― ասաց Լոուրենսը։
Նա չշարունակեց, ինչպես այդ կաներ մեկ ուրիշը նրա տեղը․ «Եվ որ ամեն ինչ ժամանակին արվի»։ Նրա մարդիկ անում էին, ինչ կարող էին։ Ոչ մտրակով, ոչ էլ մեղրաբլիթով չես ստիպի փորձառու և բարեխիղճ մարդկանց ավելի արագ աշխատելու, քան ներում են նրանց ուժերը։ Շտապեցնելն այստեղ չի օգնի․ բացի այդ «Սելենի թթվածնի պաշարներից ելնելով, դեռ երեք օր ժամկետ կար։ Մի քանի ժամ հետո, եթե ամեն ինչ լավ լինի, այդ ժամկետը կերկարաձգվի անորոշ ժամանակով։
Կոմոդոր Հանստենը առաջինը նկատեց սարսափելի վտանգը, որ գաղտագողի մոտենում էր նրանց։ Նա մի անգամ արդեն հանդիպել էր դրան, երբ Գանիմեդի վրա սկաֆանդրը խափանվեց։ Կոմոդորը գերադասում էր չհիշել այդ դեպքը, բայց մոռռանալ էլ չէր կարողանում։
― Պաթ, ― ցածրաձայն ասաց նա, համոզվելով, որ ոչ ոք չի լսում իրենց։ ― Նկատո՞ւմ եք, որ շնչելը դժվար դարձավ։
Պաթը անմիջապես չպատասխանեց․
― Այժմ, երբ ասացիք, զգում եմ։ Հավանաբար շոգից է։
― Ես էլ այդպես կարծեցի սկզբում։ Բայց հետո ծանոթ ախտանշաններ նկատեցի, առանձնապես արագացած շնչառությունը։ Մեզ սպառնում է ածխաթթվային թունավորում։
― Չի կարող պատահել։ Մենք դեռևս երեք օրվա թթվածին ունենք, միայն թե մաքրիչները չփչանան։
― Կարծում եմ, որ հենց այդ էլ պատահել է։ Ինչպե՞ս է դուրս գալիս ածխաթթու գազը «Սելենից»։
― Սովորական քիմիական կլանիչների օգնությամբ։ Պարզ ու հուսալի սարքավորում, որ երբեք չի դավաճանել։
― Հասկանում եմ, բայց նա երբեք չի աշխատել այսպիսի պայմաններում։ Ըստ երևույթին, շոգը ազդել է քիմիական նյութերի վրա։ Կարելի՞ է որևէ կերպ ստուգել այդ բանը։
Պաթը գլուխը տարուբերեց։
― Ոչ։ Այն հատվածը կարելի է ընկնել միայն դրսից։
― Սյու, սիրելիս, ― ասաց մի նվաղած ձայն (արդյոք միստր Շաստե՞րն է) ոչինչ չունե՞ք գլխացավի դեմ։
― Եթե կա, ― վրա եկավ մեկ ուրիշ ուղևոր, ― ինձ էլ բաժին հանեք։
Պաթն ու կոմոդորը միմյանց նայեցին։ Տիպիկ ախտանշաններ, ասես դասագրքից վերցրած լինի․․․
― Ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն ժամանակ է մնացել մեզ, ― ցածրաձայն հարցրեց Պաթը։
― Շատ֊շատ երկու երեք ժամ։ Լոուրենսն ու իր աշխատողները լավագույն դեպքում այստեղ կլինեն վեց ժամ հետո։
Հենց այստեղ Պաթը զգաց, որ իսկապես սիրում է Սյու Ուիլքինզին․ նա չերկյուղեց իր կյանքի համար, այլ մի տեսակ ափսոսանք ու կսկիծ պատեց նրա սիրտը․ Սյուն, որ այդքան դիմացավ, այժմ, երբ փրկությունը արդեն մոտ է, պետք է մահանա․․․
Գլուխ տասնութերորդ
Արթնանալով անծանոթ սենյակում, Թոմ Լոուսոնը մի պահ ոչ միայն չկարողացավ հասկանալ, թե որտեղ է ինքը, այլև՝ թե ով է ինքը։ Սեփական ծանրության զգացմունքը նրան հուշեց, որ ինքը «Լագրանժի» վրա չէ, ձգողականությունը շատ թույլ է։ Ուրեմն, երազ չէ․ նա Լուսնի վրա է։ Ու արդեն եղել է այդ կորած֊մոլորած Ծարավի ծովում․․․
Եվ օգնել է գտնելու «Սելենը»․ շնորհիվ նրա խելքի ու ձեռքերի՝ քսաներկու հոգի այլևս մահվան չեն դատապարտված։
Ինչքան վիրավորանք ու դառնություն քաշեց, բայց այժմ վերջապես իրականանում է իր երազած փառքը։ Աշխարհը երկար ժամանակ արհամարհեց իրեն, այժմ արդեն բոլորը կհատուցի։
Առանձնապես ոչինչ չկա նրանում, որ հասարակությունը Թոմին տվել է գիտելիքներ, որոնք մի հարյուր տարի առաջ քչերին էին մատչելի։ Վաղուց արդեն սովորական բան է դարձել՝ յուրաքանչյուր երեխա կրթություն է ստանում իր ձիրքերին ու հակումներին համապատասխան։ Բոլոր ընդունակությունները խրախուսելն ու զարգացնելը անհրաժեշտություն է դարձել քաղաքակրթության համար, ամեն մի այլ մոտեցում համազոր կլիներ ինքնասպանության։ Ու Թոմի մտքով անգամ չանցավ շնորհակալություն հայտնել հասարակությանը դոկտորի աստիճանի համար․ դա հասարակության օգտի համար է։
Այնուամենայնիվ, այդ առավոտ Թոմ Լոուսոնը առանց նախկին դառնության ու զինիզմի մտածում էր կյանքի ու մարդկանց մասին։ Հաջողությունն ու ճանաչումը՝ հոգեկան մեծ ամոքիչներ են, և նա կարող է հույսը դնել և՛ մեկի, և՛ մյուսի վրա։ Բայց նրա համար շատ ավելի կարևոր եղավ մի այլ բան․ «Փոշեսահնակ 2֊ի» վրա, երբ վախն ու կասկածը համարյա ընկճում էին իրեն, նա շփում ունեցավ և համագործակցեց մի այնպիսի մեկի հետ, որին հարգեց նրա խելքի ու քաջության համար։
Ճիշտ է, երկար չտևեց այդ և, թերևս, թելը շուտ կտրվի, ինչպես քանիցս պատահել է անցյալում։ Մասամբ Թոմը նույնիսկ ուզում էր մեկ անգամ ևս համոզվել, որ բոլոր մարդիկ ստոր ու չարամիտ եսասերներ են։ Նա չէր կարողանում մոռանալ իր մանկությունը, ճիշտ ինչպես Չարլզ Դիկենսը, որի հոգում ոչ հաջողությունները, ոչ փառքը չկարողացան ջնջել գուտալինի ֆաբրիկայի հետ կապված հիշողությունները, որոնք բառիս իսկական ու փոխաբերական իմաստով մթագնել էին գրողի պատանեկան տարիները։ Ու թեև Թոմ Լուոսոնը այժմ կարծես նոր էր սկսում իր կյանքի ուղին, նա դեռ շատ բան պետք է աներ, որպեսզի իրեն զգար մարդկային հասարակության լիիրավ ու լիարժեք անդամ։
Ջրցող ընդունելով ու հագնվելով, երիտասարդ ասղագետը սեղանի վրա նկատեց Սպենսերի երկտողը։
«Ձեզ զգացեք, ինչպես ձեր տանը։ Ես ստիպված եմ անհապաղ մեկնել։ Ինձ այստեղ կփոխարինի Մայք Գրեհեմը։ Հենց որ արթնանաք, զանգահարեցեք նրան 34―43 համարով»։
«Կարծես ես մինչև արթնանալս կարող էի զանգահարել», ― ինքն իրեն ասաց Թոմը․ նրա չափից ավելի տրամաբանական միտքը սիրում էր կառչել նման լեզվական անփութություններից։ Այնուամենայնիվ, նա կատարեց Սպենսերի ցանկությունը, քաջաբար խեղդելով սկզբից նախաճաշ պատվիրելու ցանկությունը։
Մայք Գրեհեմից Թոմն իմացավ, որ ինքը քնել է Պորտ֊Ռորիսի պատմության մեջ ամենաբուռն վեց ժամերին, որ Սպենսերը «Աուրիգայով» մեկնել է Ծարավի ծովի շրջանը, և որ բնակավայրը վխտում է ռեպորտյորներով, որոնց մեծ մասը փնտրում է դոկտոր Լոուսոնին։
― Տեղում մնացեք, ― ասաց Գրեհեմը (նրա անունն ու ձայնը ծանոթ թվացին Թոմին․ հավանաբար, ինքը նրան տեսել էր այն հազվադեպ պահերին, երբ միացրել է լուսնային հեռուստատեսությունը)։ ― Ես արդեն կլինեմ հինգ րոպեից։
― Բայց ես սովից մեռնում եմ, ― բողոքեց Թոմը։
― Զանգահարեք սպասարկման բյուրո և պատվիրեք ինչ ուզում եք, ― մենք ենք վճարում, ― միայն թե դուրս չգաք համարից։
Թոմը չվիրավորվեց այդ անպատկառ ճնշումից, որը մի ավելորդ անգամ հաստատում էր, որ նա այժմ կարևոր դեմք է։ Նրան շատ ավելի վրդովեց այն, որ Մայք Գրեհեմը շատ ավելի շուտ հասավ, քան Թոմի պատվիրած նախաճաշը (Պորտ֊Ռորիսի ամեն մի բնակիչ կարող էր կանխագուշակել այդ բանը նրան)։ Ու աստղագետը ստիպված էր Մայքի փոքրիկ հեռուստախցիկի առջև՝ սոված փորով, երկու հարյուր (առայժմ դեռ երկու հարյուր) միլիոն դիտողների պարզաբանել, թե ինչպես նա կարողացավ հայտնաբերել «Սելենը»
Նա գերազանց գլուխ բերեց, ու դրա պատճառը վերջին իրադարձություններն ու սովն էր։ Դեռ մի քանի օր առաջ ամեն մի ինտերվյուեր, եթե նրան ընդհանրապես հաջողվեր համոզել Լոուսոնին հեռուստախցիկի առջև շարադրել ինֆրա֊կարմիր որոնման սկզբունքները, կխեղդվեր վերամբարձ գիտական ֆրազների հեղեղից։ Թոմը գնդացրի արագությամբ վրա կտար «քվանտային արգասիք», «սև մարմինների ճառագայթում», «սպեկտրալ զգայունություն» և նման այլ տերմիններով առատ մի դասախոսություն, համոզելով լսարանին, որ խոսքը խիստ բարդ մի նյութի մասին է (ու սա միանգամայն ճիշտ է), որը չի հասկանա ոչ մասնագետը (որը ամենևին չի համապատսխանում իրականությանը)։
Իսկ այժմ երիտասարդ գիտնականը, չնայած ստամոքսի պահանջին, հանգամանալից ու նույնիսկ համբերատար կեպով պատասխանեց Մայք Գրեհեմի հարցերին, ընտրելով մեծամասնության համար հասկանալի բառեր։ Աստղագիտական գիտության շատ ներկայացուցիչների համար, որոնք երբևիցե իրենց մաշկի վրա զգացել են Թոմի խայթոցները, դա մի իսկական հայտնություն էր։ Նստած իր մոտ «Լարգրանժ 2-ում»՝ պրոֆեսոր Կոտելնիկովը, երբ ավարտվեց հաղորդումը, մի նախադասությամբ արտահայտեց պաշտոնակիցների զգացմունքները․
― Ազնիվ խոսք, ես նրան չեմ ճանաչում։
Փոքր սխրագործություն չէ՝ յոթ հոգով խցկվել «Սելենի» անցման խցիկը, բայց, ինչպես արդեն Պաթի փորձն էր ցույց տվել, այլևս տեղ չկար գաղտնի խորհրդակցության համար։ Մյուս ուղևորները, իհարկե, վարանում էին, թե բանն ինչումն է։ Շուտով կիմանան․․․
Հանստենի հաղորդումը անհանգստացրեց խորհրդի մասնակիցներին, իսկ ընդհանուր առմամբ, այնքան էլ չզարմացրեց։ Նրանք բոլորն էլ խելացի մարդիկ էին ու իրենք արդեն որոշ բան կռահում էին։
― Մենք նավապետ Հարրիսի հետ որոշեցինք նախ ձեզ հետ զրուցել, ― բացատրեց Կոմոդորը։ ― Դուք ուղևորների մեջ ամենատոկունն եք ու բավականին ուժեղ՝ հարկ եղած դեպքում մեզ օգնելու համար։ Ի սրտե հավատում եմ, որ բանը դրան չի հասնի, բայց կարող են բարդություններ ծագել, երբ հայտարարեմ բոլորին։
― Ու այն ժամանա՞կ․․․ ― հարցրեց Հարդինգը։
― Եթե որևէ մեկը անխոհեմ քայլի դիմի, զսպեք նրան, ― վճռաբար պատասխանեց կոմոդորը։ ― Երբ խուց վերադառնանք, աշխատեցեք հանգիստ երևալ։ Ցույց չտաք, որ ընդհարման եք սպասում, թե չէ կդրդեք նրանց։ Ձեր խնդիրն է անմիջապես կանխել խուճապը, որպեսզի այն չհամակի բոլորին․
― Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ կլինի, որպեսզի ոչ ոք նույնիսկ չկարողանա․․․ հըմ, ոչինչ հաղորդել հարազատներին հրաժեշտ տալիս, ― ասաց դոկտոր Մըքենզին։
― Մենք այդ մասին մտածել ենք, իսկ չէ որ դրա համար շատ ժամանակ կպահանջվի ու բոլորն էլ վերջնականապես կվհատվեն։ Իսկ մեզ ձգել չի կարելի։ Որքան արագ գործենք մենք, այնքան շանսերը մեծ կլինեն։
― Դուք հավատո՞ւմ եք, որ մենք փրկության հույս ունենք, ― հարցրեց Բարրետը։
― Այո, ― պատասխանեց Հանստենը, ― թեև չեմ համարձակվում ճիշտն ասել, թե որքան է մեծ այն։ Հարցեր չկա՞ն այլևս։ Բրայե՞ն։ Յուխանսո՞ն․․․ այդ դեպքում գնացինք։
Նրանք վերադարձան խուց ու նստեցին իրենց տեղերում։ Մնացածները նրանց էին նայում հետաքրքրությամբ ու աճող անհանգստությամբ։ Հանստենը չուշացրեց։
― Ես պետք է անախորժ նորություն հայտնեմ, ― հուսահատ արտասանեց նա։ ― Հավանաբար, բոլորդ արդեն նկատել եք, որ շնչելը դժվարացել է, ձեզնից շատերը գանգատվում են գլխացավից։ Օդից է։ Մենք դեռևս թթվածնի բավարար պաշար ունենք, բայց բանը նրանումն է, որ մեր արտաշնչած ածխաթթու գազը մնում է ներսում։ Իսկ թե ինչու՝ հայտնի չէ։ Ես կարծում եմ, շոգը շարքից հանել է քիմիական կլանիչները։ Բայց եթե նույնիսկ մեզ հաջողվի էլ գտնել պատճառը, ոչինչ չենք կարող շտկել։
Նա լռեց, որպեսզի շունչ առնի։
― Ահա թե ինչ է սպասում մեզ․ շնչելը ավելի ու ավելի դժվար կլինի, գլխացավը կուժեղանա։ Ես չեմ ուզում ձեզ խաբել։ Փրկարարները որքան էլ ջանք թափեն, վեց ժամից շուտ չեն կարող մեզ հասնել։ Իսկ մենք չենք կարող այդչափ սպասել։
Ինչ֊որ մեկը ախ քաշեց։ Հանստենը գիտակցաբար նրա կողմը չնայեց։ Ու հանկարծ լսվեց մի երկար խռմփոց՝ շվոցն էլ հետը։ Այլ պարագայում այդ ձայնը, ըստ երևույթին, ընդհանուր ծիծաղ կառաջացներ․․․ Երջանիկ միսս Շաստեր, նա խաղաղ, թեպետ ոչ շատ լուռ, քնած էր։
Կոմոդորը խոր շունչ քաշեց։ Ավելի ու ավեի դժվար էր դառնում խոսելը։
― Եթե մեր վիճակը բոլորովին անհուսալի լիներ, ― շարունակեց նա, ― ես պարզապես կլռեի։ Բայց մենք դեռևս հնարավորություն ունենք, և պետք է օգտվենք դրանից։ Դա շատ հաճելի չէ, սակայն այլ ընտրություն չունենք։ Միսս Ուիլքինզ, տվեք ինձ, խնդրեմ, քնաբեր ամպուլա։
Մեռելային լռության մեջ (նույնիսկ միսս Շաստերը դադարել էր խռմփալուց) ստուարդուհին կոմոդորին հանձնեց մետաղե փոքրիկ արկղը։ Հանստենը բաց արեց այն ու վերցրեց սիգարետ հիշեցնող սպիտակ փոքրիկ գլանը։
― Երևի ձեզ հայտնի է, ― ասաց նա, ― որ ըստ կանոնադրության բոլոր տիեզերանավերի դեղարկղերում այս բուժամիջոցը կա։ Դեղը անցավ է ու քնեցնում է տասը ժամ։ Դա մեզ կարող է փրկել, քանի որ քնած ժամանակ շնչառությունը կիսով չափ դանդաղում է։ Մենք երկու անգամ կպակասեցնենք օդի պաշարի ծախսումը։ Հուսանք, որ այդ ժամանակամիջոցում փրկարարները մեզ կհասնեն։ Սակայն մեկն ու մեկը արթուն պետք է մնա, կապ պահպանի նրանց հետ։ Ավելի լավ է նույնիսկ երկուսը։ Նախ, նավապետ Հարրիսը․ կարծում եմ ոչ ոք չի առարկի։
― Իսկ երկրորդը, հավանաբար դո՞ւք, ― լսվեց բավականին ծանոթ մի ձայն։
― Ցավում եմ, որ պետք է վշտացնեմ ձեզ, միսս Մոռլի, ― ասաց կոմոդոր Հանստենը, ամենևին չզայրանալով (ում է պետք վիճաբանությունը, երբ ամեն ինչ որոշված է), ― բայց որպեսզի թյուրիմացություններ չլինեն․․․
Ու մինչ որևէ մեկը կհասկանար, թե ինչ է կատարվում, նա ամպուլան սեղմեց ձեռքին, արմունկից ցած։
― Ցտեսություն տասը ժամ հետո, ― զատ֊զատ արտասանեց Հանստենը, նստեց մոտակա բազկաթոռին ու նիրհեց։
«Այժմ ես պետք է կարգադրեմ», ― մտածեց Պաթը, վեր կենալով։ Նա այնպես կուզեր մի քանի «ջերմ» խոսքեր ասել միսս Մոռլիին, բայց իսկույն գլխի ընկավ, որ կփչացնի կոմոդորի խելացի վարմունքի տպավորությունը։
― Ես այս նավի նավապետն եմ, ― ասաց նա հաստատորեն։ ― Այս րոպեից ես եմ հրամայում։
― Միայն ոչ ինձ, ― հանդուգն պատասխանեց անսաստելի միսս Մոռլին։ ― Ես վճարել եմ տոմսի համար, ես իրավունքներ ունեմ։ Ու ես կտրականապես հրաժարվում եմ օգտագործել այդ բաները։
Այ թե բնավորություն է, հա, սատանան տանի։ Պաթը սոսկումով պատկերացրեց, թե ինչ կլինի, եթե միսս Մոռլին պնդի իր ասածի վրա։ Տասը ժամ մեն֊մենակ միսս Մոռլիի հետ մնաս, ու այլևս ոչ ոքի հետ խոսք անգամ չփոխանակես․․․
Նա մի հայացք գցեց հինգ «կարգի պահապանների» կողմը։ Միսս Մոռլիին բոլորից մոտ նստած էր ջամայկացի ինժեներ Ռոբերտ Բրայենը։ Նա միայն նշանի էր սպասում, որպեսզի գործի անցնի, բայց Պաթը դեռ հույս ուներ խուսափել լուրջ բախումներից։
― Ձեր իրավունքների դեմ ես առարկություն չունեմ, ― ասաց նա, ― բայց եթե դուք կարդաք այն, ինչ մանր տառերով գրված է ձեր տոմսերի վրա, ապա կհամոզվեք, որ վթարային դեպքերում ես կարող եմ պահանջել, որպեսզի անխոս ենթարկվեք։ Ու չէ որ դա միայն ձեր օգտին է։ Անձամբ ես կգերադասեի քնել, սպասելով փրկարարներին։
― Ես նույնպես, ― անսպասելիորեն միջամտեց պրոֆեսոր Ջայավարդենը։ ― Կոմոդորը իրավացի է, դա մեզ կօգնի օդը խնայել։ Պարզապես, այլ ելք չկա։ Միսս Ուիլքինզ, ինձ ամպուլա տվեք, խնդրեմ։
Նրա ասածի հանգիստ տրամաբանությունը օգնեց չափավորելու կրքերը, նամանավանդ որ պրոֆեսորը հեշտ ու արագ քնեց։ «Երկուսն՝ արդեն, մնացին տասնութը», ― մտովի նշեց Պաթը։
― Ժամանակ չկորցնենք, ― ասաց նա բարձրաձայն։ ― Ինքներդ համոզվեցիք, ոչ մի ցավ չեն պատճառում դրանք։ Նրանք ենթամաշկային փոքրիկ ներարկիչներ ունեն, այնպես որ դուք ամենա թեթև ծակոց նույնիսկ չեք զգա։
Սյուն արդեն սկսել էր բաժանել արտաքուստ անշառ գլանակները, ու որոշ ուղևորներ առանց հապաղելու օգտագործեցին դրանք, ― Իրվինգ Շաստերը (նա սրտառուչ զգուշությամբ ամպուլան սեղմեց քնած կնոջ ձեռքին), նրան հետևեց խորհրդավոր միստր Ռեդլին։ Մնում են տասնհինգը․․․ Ո՞վ է հաջորդը։
Սյուն մոտեցավ միսս Մոռլիիին։ «Զգույշ, ― ինքն իրեն ասաց Պաթը, ― եթե նա դեռ տրամադիր է աղմկելու․․․»
Այդպես էլ եղավ։
― Մի՞թե ես բավականին պարզ չասացի, որ քնաբեր ոչինչ չեմ ընդունի։ Դեն տարեք այդ բանը։
Ռոբերտ Բրայենը փոքր֊ինչ տեղից վեր կացավ, բայց այստեղ լսվեց Դեվիդ Բարրետի ծաղրալի ձայնը։
― Ես ձեզ կբացատրեմ, նավապետ, թե բանն ինչումն է, ― ասաց նա կծելու անսքող հաճույքով։ ― Պատվելի լեդին վախենում է, թե կօգտվեք դուք նրա անաճարակությունից։
Մի պահ միսս Մոռլին պապանձվեց կատաղությունից, նրա այտերը կաս֊կարմիր գույն ստացան։
― Երբեք դեռ ինձ այսպես չէին վիրավորել․․․ ― ասաց նա վերջապես։
― Ինձ նույնպես, տիկին, ― ավելացրեց Պաթը։
Նա մի հայացք գցեց շուրջը։ Ուղևորների մի մասը լուրջ էին, բայց ոմանց դեմքին խայթող ժպիտ կար։ Ու միսս Մոռլին հասկացավ՝ մի բան է մնում անելու։
Նա գլուխը կախեց ու նստեց տեղը։ Պաթը թեթևացած շունչ քաշեց։ Մնացածների բանը հեշտ է․․․
Հանկարծ նա նկատեց, որ միսիս Ուիլյամսը, որի ծնունդը համեստաբար նշեցին մի քանի ժամ առաջ, քար կտրած նայում է ձեռքում սեղմած ամպուլային։ Վախը կաշկանդում էր նրան։ Ամուսինը, որ նստած էր կողքին, արդեն քնել էր։ Այնքան քաղաքավարի չէ կյանքի ընկերուհուն ճակատագրի քմահաճույքին թողնելը, մտածեց Պաթը։
Մինչ նա կհասցներ մի որևէ բան հնարել, միջամտեց Սյուն։
― Ներեցեք ինձ, միսսիս Ուիլյաս, ես սխալմամբ ձեզ դատարկ ամպուլա եմ տվել։ Թույլ տվեք ետ վերցնել․․․
Ամեն ինչ արվեց պարզ ու մաքուր, ինչպես աճապարարը բեմի վրա։ Սյուն վերցրեց, կամ ձևացրեց, թե վերցնում է ամպուլան միսսիս Ուիլյամսի ուժասպառ ձեռքից, աննկատելիորեն դիպավ վախվորած կնոջ ենթադաստակին, ու նա քուն մտավ։
Ուղևորների կեսը քնած է։ Անկեղծ ասած, Պաթը չէր սպասում, որ ամեն ինչ այդպես հարթ կընթանա։ Կոմոդորը իզուր էր անհանգստանում, «պատժիչ ջոկատը» պետք չեկավ։
Նույն պահին նավապետ Հարրիսը հասկացավ, որ շտապել էր ուրախանալ։ Այո, կոմոդորը գիտեր, ինչ էր անում։ Միսս Մոռլին միակը չէր։
Մոտ երկու տարի էր անցել այն օրից, երբ Լոուրենսը վերջին անգամ մտավ իգլուի մեջ։ Այն ժամանակ նա սկսնակ ինժեներ էր, աշխատում էր շինարարության վրա ու շաբաթներով ապրում էր իգլույում, մոռանալով, թե ինչպիսին են իսկական տան պատերը։ Իհարկե, այն ժամանակվանից ի վեր շատ բան է կատարելագործվել։ Այժմ մի ճամպրուկում պարունակվող կացարանում կարելի էր շատ հարմար տեղավորվել։
Նրանց առաջ էր «Գյոդեր 20-ի» վերջին նմուշներից մեկը, վեց հոգանոց։ Իգլուում մնալու ժամանակը չի սահմանափակվում։ Միայն թե մատակարարվի էլեկտրականություն, ջուր, պարենամթերք և օդ, մնացածը կոմպլեկտի մեջ է մտնում։ Կոնստրուկտորները հոգ էին տարել նույնիսկ զվարճանալու մասին․ միկրոգրադարան, ռադիո և հեռուստաապարատուրա։ Ու դրանք ամենևին էլ ավելորդ շքեղություն չէին, ինչպես վերաքննիչներն էին պնդում։ Տիեզերքում ձանձրույթը կարող է բառիս ամենաիսկական իմաստով մահացու դառնալ։ Նա մեռցնում է ոչ այնքան արագ, ինչպես, ասենք, անսարքին օդամուղը, բայց նույնքան անվրեպ, ու մահը շատ ավելի սարսափելի կարող է լինել․․․
Լոուրենսը կռացավ, մտավ օդասահանքի խցիկը։ Հիշեց հին իգլուները, որի մեջ պարզապես չորեքթաթ էին մտնում։ Սպասելով մինչև «ճնշումը հավասար է» ազդանշանը վառվեց, նա մտավ գլխավոր կիսագունդը։
Միևնույն է թե ընկնես օդապարիկի մեջ՝ իսկ չէ որ ըստ էության այդպես էլ է հենց։ Նա տեսնում էր ներսի միայն մի մասը, կացարանը միջնորմ֊վարագույրներով բաժանված էր հատվածների։ (Նույնպես կատարելագործում․ առաջ միայն մի վարագույր առանձնացնում էր զուգարանը)։ Գլխավերևում, երեք մետր բարձրության վրա ճկուն էլեկտրաքուղերով կախված էին լույսերն ու արհեստական կլիմայի սարքերը։ Սահունորեն կորացող պատերի երկայնքով շարված էին մետաղե դարակներ։ Դեռևս լրիվ չեն ուղղված․․․ Մոտակա վարագույրի հետևում ինչ֊որ մեկը առանց շտապելու կարդում էր գույքի ցուցակը, մեկ ուրիշը մի քանի վայրկյան հետո պատասխանում էր՝ «կա»։
Լոուրենսը բարձրացրեց վարագույրը ու հայտնվեց ննջարանում։ Երկհարկանի մահճակալները նույնպես դրված չեն ինչպես հարկն է։ Ասենք պետք էլ չէր․ այժմ ստուգում են, թե ամեն ինչ կա՞։ Ապա իգլուն կծալեն ու անմիջապես կտեղափոխեն փրկարար աշխատանքի վայրը։
Լոուրենսը չխանգարեց։ Տաղտկալի զբաղմունք է, բայց անհրաժեշտ է (ի դեպ, Լուսնի վրա շատ այդպիսի գործեր կան)։ Ամենափոքր սխալը կարող է մարդու կենաց ու մահու հարց դառնալ։
Երբ ստուգումն ավարտվեց, գլխավոր ինժեները հարցրեց․
― Սա պահեստում եղած ամենամեծ իգլո՞ւն է։
― Ամենամեծը, որից կարելի է օգտվել, ― հաջորդեց պատասխանը։ ― Կա նաև «Գյուդեր 19» տասներկու հոգու համար, բայց արտաքին թաղանթի պատռվածքով, որը պետք է նորոգել։
― Ինչքա՞ն ժամանակ կպահանջի նորոգումը։
― Մի քանի րոպե։ Բայց պահեստից դուրս տալու համար, մենք այն պետք է տասներկու ժամ փորձարկենք ինչպես հարկն է։
Երբեմն կանոնները սահմանողը ինքն է ստիպված լինում խախտել դրանք։
― Մենք չենք կարող այդքան սպասել։ Կրկնակի կարկատան փակցրեք ու արագ ստուգեցեք, թե օդ բաց չի՞ թողնում։ Եթե օդի կորուստը թույլատրելի սահմաններում է, բաց թողեք իգլուն։ Փաստաթղթերը ես կստորագրեմ։
Մեծ ռիսկի չենք դիմում, բայց մեծ իգլուն կարող է պետք գալ։ Նա պետք է ցրտից ու վակուումից պաշտպանի քսաներկու մարդու, երբ նրանք մակերես դուրս գան։ Հո չի կարելի մինչև Պորտ֊Ռորիս նրանց սկաֆանդրում պահել։
«Բիպ֊բիպ»՝ լսվեց Լոուրենսի ձախ ականջի վերևում։ Նա սեղմեց գոտու վրայի կոճակը։
― Ըրթսայդի գլխավոր ինժեները լսում է։
― Հաղորդում «Սելենից», ― զեկուցեց թույլ, բայց հստակ մի ձայն։ ― Հույժ շտապ, նրանց վիճակը բարդանում է։
Գլուխ տասնիններորդ
Մինչև հիմա Պաթը ինչ֊որ չէր նկատել պատուհանի մոտ 3-Դ բազկաթոռի ուղևորին, որ նստած էր ձեռքները կրծքին խաչած։ Նույնիսկ ստիպված էր միտքը լարել, որպեսզի հիշի նրա ազգանունը։ Բիլդե՞ր, թե ինչ․․․ Չէ, Բալդուր, Հանս Բալդուր։ Առաջին հայացքից՝ հանգիստ ու կարգապահ զբոսաշրջիկի օրինակ։
Ասենք հիմա էլ նա իրեն հանգիստ էր պահում, բայց արդեն չէր կարելի նրան օրինակելի համարել․ Բալդուրը քնած չէր։ Նա նստած էր անշարժ դեմքով, կարծես ոչինչ չէր տեսնում շրջապատում, ու միայն այտերն էին ցնցվում, մատնելով նրա վիճակը։
― Իսկ դուք ինչի՞ եք սպասում, միստր Բալդուր, ― հարցրեց Պաթ Հարրիսը, ջանալով պահպանել հանգիստ տոնը։ Լավ է, որ կա մեկը, որի մոտ բարոյական ու ֆիզիկական աջակցություն կարող ես փնտրել․․․ Չի կարելի ասել, որ Բալդուրը նման էր շատ ուժեղ մարդու, բայց լուսնաբնակի մկանները կարող էին դավաճանել Պաթին, եթե բանը քաշքռտոցի հասներ։
Բալդուրը միայն գլխով նշան արեց, շարունակելով համառորեն նայել պատուհանին, ― կարծես այնտեղ բացի սեփական արտացոլումից, ուրիշ այլ բան կարող էր տեսնել։
― Դուք չեք կարող ստիպել ինձ, որպեսզի ընդունեմ այս զիբիլը, ես հրաժարվում եմ, ― նկատելի շեշտով արտասանեց նա։
― Ես չեմ էլ ուզում ստիպել ձեզ, ― պատասխանեց Պաթը։ ― Բայց մի՞թե դուք չեք հասկանում, որ դա հենց ձեզ համար է արվում։ Նաև մյուսների համար։ Ի՞նչն է ձեզ խանգարում։
Բալդուրը հապաղեց, ասես բառեր փնտրելով։
― Դա․․․ դա հակասում է իմ սկզբունքներին, ― վերջապես ասաց նա։ ― Այո, հենց այդպես։ Իմ կրոնը ինձ չի թույլատրում ներարկումներ կատարել։
Պաթը մի ինչ֊որ տեղ լսել էր, որ պատահում են բծախնդիր մարդիկ նման հարցերում։ Իսկ Բալդո՞ւրը։ Ոչ, այդ մարդը ճիշտ չի խոսում։ Ինչո՞ւ։
― Թույլ կտա՞ք մի հարց տալ ձեզ, ― լսվեց մի ձայն Պաթի թիկունքում։
― Իհարկե, միստր Հարդինգ, ― ասաց Պաթը, հուսալով, որ նա կփրկի դրությունը։
― Միստր Բալդուր, դուք ասում եք, ― սկսեց Հարդինգը այնպիսի տոնով, որ ասես շարունակում էր հարցաքննել միսսիս Շաստերին (ե՜րբ էր այդ), ― որ չեք կարող համաձայնել ոչ մի ներարկման։ Բայց չէ որ դուք լուսնաբնակ չեք, իսկ այստեղ ընկնել, շրջանցելով կարանտինային իշխանությունները, հնարավոր չէ։ Ինչպե՞ս եք դուք հաջողացրել խուսափել պարտադիր սրսկումներից։
Բալդուրը անսպասելի կատաղությամբ ընդունեց հարցը։
― Ձեր գործը չէ, ― կոպիտ պատասխանեց նա։
― Միանգամայն ճիշտ է, ― սիրալիր կերպով հաստատեց Հարդինգը։ ― Ես միայն ուզում էի օգնել, որպեսզի հանգամանքը պարզ լինի։ ― Նա մոտեցավ Բալդուրին ու ձախ ձեռքը մեկնեց առաջ։ ― Թույլ տվեք տեսնել ձեր պատվաստման վկայականը։
«Է՜հ, սխալվեց», ― ինքն իրեն ասաց Պաթը։ Կարծես առանց սարքերի կարելի է կարդալ Միջմոլորակային բժկական վարչության վկայականներում մագնիտոգրանցումը։ Բավական է, որ Բալդուրը գլխի ընկնի, և․․․ Հա, ի՞նչ կանի նա այն ժամանակ։
Սակայն Բալդուրը չհասցրեց ոչինչ անել։ Նա դեռ նայում էր Հարդինգի ձախ ափին, երբ վերջինս մի սրընթաց շարժում կատարեց աջ ձեռքով։ Պաթը նույնիսկ անմիջապես չհասկացավ, թե ինչ կատարվեց։ Հարդինգը վարվեց նույնպիսի ճարպկությամբ, ինչպես դրանից քիչ առաջ Սյուն միսսիս Ուիլյամսի նկատմամբ։ Ճիշտ է, նրա աջ ափի կողոսկրի հանդիպումը Բալդուրի վզի հետ շատ ավելի տպավորիչ էր։ Խորամանկ էր արված՝ թեև Պաթ Հարրիսին նման խորամանկությունը դուր չէր գալիս։
― Դա նրան մի տասնհինգ րոպե կհանգստացնի, ― անփութորեն ասաց Հարդինգը, նայելով բազկաթոռին ընկած Բալդուրին։ ― Տվեք խնդրեմ ամապուլան․․․ Շնորհակալություն։
Ու նա ամպուլան սեղմեց արդեն իր հարվածից ուշաթափված ըմբոստի ձեռքին։
Ես նորից սանձը բաց թողեցի ձեռքիցս, մտածեց Պաթը։ Նա Հարդինգին շնորհակալ է կարգ ու կանոն հաստատելու համար, բայց ավելի լավ կլիներ այլ կերպ արվեր այդ բանը։
― Ի՞նչ է նշանակում այս ամենը, ― անվստահ հարցրեց նա։
Հարդինքը քշտեց Բալդուրի ձախ թևքը ու շրջեց նրա թևը։
― Գիտե՞ք թե ինչ է սա, ― ցածրաձայն հարցրեց նա։
Պաթը գլխով արեց։ Պառավ Երկրի արատները մինչև Լուսին էին հասել տարբեր արագությամբ, բայց և այնպես հասել էին։
― Զարմանալի չէր, որ խեղճը չէր ուզում խոստովանել։ Նրան զզվանք էին ներշնչել սրսկումների հանդեպ։ Նշաններից դատելով, բուժումը բոլորովին վերջերս է սկսվել։ Հուսով եմ, որ ես գործը ամբողջովին չեմ փչացրել։ Ոչինչ, միայն թե կենդանի մնա։
― Իսկ ինչպե՞ս է նա կարանտինն անցել։
― Նրա նմանների համար հատուկ բաժին կա։ Բժշկական գաղտնիք է․ սրսկում անելու համար հիպնոսացումը ժամանակավորապես վերացնում է ներշնչված արգելքը։ Այս թմրամոլները ավելի շատ են, քան կարծում եք, իսկ լուսնային ճանապարհորդությունը մտնում է բուժման կուրսի մեջ։ Այսպես ասած, միջավայրի փոփոխում։
Պաթը էլի որոշ բաներ էր ուզում պարզաբանել, բայց նրանք առանց այդ էլ քիչ թանկարժեք րոպեներ չէին կորցրել։ Փա՜ռք աստծո, բոլոր ուղևորները, բացի «կարգի պահապաններից»՝ արդեն խորասուզվել էին քնի մեջ։ Ըստ երևույթին, ձյուդոյի (կամ թե էլ ինչպես է կոչվում) դիտողական դասը օգուտ տվեց․․․
― Ես այլևս պետք չե՞մ ձեզ, ― հազիվ ժպտալով ասաց Սյուն։ ― Ցը՝, Պաթ։ Երբ ամեն ինչ կավարտվի, արթնացրու ինձ։
― Երբ ավարտվի, կարթնացնեմ, ― խոստացավ նա, խնամքով իջեցնելով նրան հատակին, բազկաթոռների միջև։ Ու ավելացրեց, տեսնելով, որ Սյուի աչքերը փակվեցին։ ― Կամ երբեք։
Պաթը մի քանի վայրկյան նայեց նրան, ապա իրեն հավաքելով՝ վեր կացավ։ Նա ձեռքից բաց թողեց հնարավորությունը Սյուին ասելու այն ամենը, ինչ ուզում էր։ Եվ, կարող է պատահել, մեկընդմիշտ։
Կոկորդը չորացել էր, ջղաձգորեն թուքը կուլ տալով, նավապետ Հարրիսը դարձավ դեպի արթուն հնգյակը։ Մի հարց ևս պետք է լուծվեր, ու Դեվիդ Բարրետը չհապաղեց խոսել դրա մասին։
― Դե, նավապետ, ― ասաց նա։ ― Մի ստիպեք մեզ գուշակել․․․ Ո՞ւմ եք ընտրելու ձեզ ընկեր։
Պաթը մի֊մի ամպուլա տվեց յուրաքանչյուրին։
― Շնորհակալ եմ բոլորիցդ օգնության համար, ― պատասխանեց նա։ Իսկ ձեր հարցին․․․ Գիտեմ, որ կարող է մելոդրամա թվալ, բայց այդպես ավելի լավ կլինի․ այդ հինգ ամպուլայից միայն չորսն է լցված։
― Հուսով եմ, այդ թվում և իմս, ― ասաց Բարրետը։
Նա չսխալվեց։ Հարդինգը, Բրայենը, Յոխանսոնը նույնպես վայրկենաբար քնեցին։
― Պարզ է, ― ասաց դոկտոր Մըքենզին։ ― Ես պետք է առաջնորդեմ։ Զգացված եմ ձեր ընտրությունից։ Թե՞ պատահաբար ստացվեց։
― Մինչև ձեզ պատասխանելը, ― ասաց Պաթը, ― հարկավոր է Պորտ֊Ռորիսին զեկուցել, թե ինչ կատարվեց մեզ մոտ։
Նավապետ Հարրիսի հակիրճ զեկուցումը իրարանցում առաջ բերեց Պորտ֊Ռորիսում։ Քիչ անց միացավ գլխավոր ինժեներ Լոուրենսը։
― Դուք ճիշտ եք վարվել, ― ասաց նա, ― լսելով Պաթին։ ― Նույնիսկ եթե ամեն ինչ կարգին գնա, հինգ ժամից շուտ մենք չենք հասնի ձեզ։ Կդիմանա՞ք։
― Երկուսիս համար երաշխավորում եմ, ― պատասխանեց Պաթը։ ― Մենք ունենք սկաֆանդրի մի թթվածնի բաք։ Բայց արի ու տես, որ ուղևորները․․․
― Մի բան է ձեզ մնում անելու․ հետևել նրանց շնչառությանը, ու երբ պետք է՝ կազդուրել նրանց մի կում թթվածնով։ Մենք այստեղ ամեն ինչ կանենք։ Էլ ի՞նչ ունեք։
Պաթը մի քանի վայրկյան մտածեց։
― Ոչինչ, ― հոգնաբեկ պատասխանեց նա։ ― Յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ կկապվեմ ձեզ հետ։ Վերջ։
Նա դանդաղ վեր կացավ տեղից, հոգնածությունն ու ածխածնային թունավորումը զգալ էին տալիս, և դիմեց Մաքըենզիին․
― Դոկտոր, օգնեցեք ինձ սկաֆանդրը քանդել։
― Իսկ ես բոլորովին մոռացել էի նրա մասին, այ թե հիշողություն է։
― Իսկ ես վախենում էի, որ ուղևորներից մեկն ու մեկը կհիշի այն։ Նրանք չէին կարող չտեսնել այն օդասահանքի խցիկից անցնելիս։ Դե այդպես է, մարդ չի տեսնում այն, իր քթի տակ է։
Ընդամենը հինգ րոպե պահանջվեց կլանիչներով բանկաներն ու մեկօրյա թթվածնի պաշարով բաքը սկաֆանդրից անջատելու համար։ Շնչառական ապարատը այնպես էր պատրաստված, որ հարկ եղած դեպքում հեշտությամբ քանդվեր ու ծառայեր արհեստական շնչառություն տալու նպատակին։ Քանիերորդ անգամ Պաթը մտովի պատշաճն էր հատուցում «Սելեն» ստեղծող ինժեներների հնարամտությանն ու հեռատեսությանը։ Դեռևս որոշ բաներ կարելի է կատարելագործել, փոքրիկ բացթողումներ կան, բայց դրանք դատարկ բաներ են։
Մետաղե գորշավուն բաքում մի ամբողջ օրվա կյանք կար։ Երկուսն էլ՝ փոշեգնացում մնացած միակ արթուն մարդիկ, միմյանց նայեցին և գրեթե միաժամանակ ասացին․
― Սկզբում դուք։
Զուսպ քմծիծաղ տվեցին, ապա Պաթը ասաց․
― Լավ, չեմ առարկի։
Ու դիմակը տարավ դեպի բերանը։
Թթվածին․․․ կարծես զով ծովազեփյուռը ամառային տոթից հետո կամ լեռնային սոճիների շունչը՝ խուժեց այն անձուկի լճացած օդի մեջ։ Առանց շտապելու Պաթը չորս անգամ խոր ներշնչեց, ուժեղ արտաշնչելով, որպեսզի թոքերը մաքրի ածխաթթու գազից։ Եվ ասես խաղաղության չիբուխ՝ շնչառական ապարատը մեկնեց Մըքենզիին։
Այդ չորս ներշնչումը վերականգնեց նավապետի ուժերը և ոչնչացրեց այն սարդոստայնը, որ արդեն սկսել էր պատել նրա ուղեղը։ Թե՞ այդ ուղղակի հոգեբանական ներգործություն էր։ Արդյո՞ք մի քանի խորանարդ սանտիմետր թթվածինն այպիսի ուժեղ ազդեցություն կարող է ունենալ։ Ինչպես էլ լինի, նա իրեն նոր մարդ զգաց։ Հինգ ժամ կարելի է դիմանալ, նույնիսկ շատ։
Տասը րոպե անց Պաթը բոլորովին զվարթացավ․ քնածները շնչում էին նորմալ՝ դանդաղ, բայց հավասար։ Յուրաքանչյուրին մի փոքր թթվածին հրամցնելուց հետո, նա նորից կանչեց Խարսխակայանը։
― Ես «Սելենն» եմ, զեկուցում է նավապետ Հարրիսը։ Մենք դոկտոր Մըքենզիի հետ լավ ենք զգում մեզ, ուղևորները նույնպես։ Թողնում եմ ընդունման վրա, նորից կկապվեմ պայմանավորված ժամին։
― Ձեզ հասկացա։ Մի քիչ սպասեցեք, ձեզ հետ ուզում են խոսել գործակալությունների ներկայացուցիչները։
― Ներեցեք, ― պատասխանեց Պաթը, ― ես արդեն հաղորդեցի ինչ կարող էի, ու ես պատասխանատում եմ քսան հոգու համար։ «Սելենն» ավարտեց։
Իհարկե, դա սոսկ պատրվակ էր, և ընդ որում քիչ համոզիչ։ Պաթ Հարրիսը ինքն էլ չհասկացավ, թե ինչու այդ բանն արեց։ Այնպես, հանկարծ ինքն իրեն զայրացավ, մի բան, որ հատուկ չէր նրան․ «Չեն թողնում հանգիստ մեռնես»։ Եթե Պաթը գիտենար, որ մի հինգ կիլոմետրի վրա կազմ ու պատրաստ կանգնած է հեռուստատեսային կամերան, նա հավանաբար, ավելի խիստ կասեր։
― Դուք իմ հարցին չպատասխանեցիք, նավապետ, ― համբերատարորեն հիշեցրեց դոկտոր Մըքենզին։
― Ի՞նչ հարց։ Ախ, հա՜։ Ոչ, պատահական չէր։ Մենք կոմոդորի հետ որոշեցինք, որ բոլոր ուղևորներից դուք բոլորից շուտ նկատեցիք գերտաքացման վտանգը՝ ու գաղտնի պահեցիկ մինչև մենք չհարցրինք ձեզ։
― Պարզ է, կաշխատեմ արդարացնել վստահությունը։ Ես այժմ շատ առույգ եմ զգում ինձ։ Ըստ երևույթին, թթվածինը խթանում է։ Հարցը միայն նրանում է, թե արդյոք երկար կտեվի՞ այդ։
― Եթե երկուսիս հաշվենք՝ տասներկու ժամ։ Այդ ժամանակամիջոցում փոշեսահնակները պետք է որ հասնեն։ Բայց, ըստ երևույթին, մենք պետք է թթվածնի մեծ մասը հատկացնենք մյուսներին․․․ Կարող է չբավականացնի․․․
Նրանք նստած էին հատակին, ծալապատիկ, նավավարի բազկաթոռի մոտ, բաքը գտնվում էր երկուսի միջև։ Մերթ մեկը, մերթ մյուսը՝ երեսին էին մոտեցնում դիմակը։ Երկու անգամ ներշնչում էին՝ և վերջ։ «Երբեք մտքովս չէր անցնի, ― ինքն իրեն ասաց Պաթը, ― որ կդառնամ տիեզերական կյանքից վերցրած հեռուստատեսային ներկայացումների ամենատափակ տեսարանի մասնակից»։ Ցավոք սրտի, դա շատ հաճախ էր պատահում իրականում, որպեսզի զվարճալի թվար։ Մանավանդ, երբ ինքդ ես ընկել դժվար կացության մեջ։
Բավական էր ձեռք քաշել մնացածներից՝ և երկուսն էլ (կամ համենայն դեպս, նրանցից որևէ մեկը) կարող էին փրկության հույս ունենալ։ Արդյո՞ք այնպես չի ստացվի, որ փորձելով փրկել իրենց քսան ընկերներին, նրանք իրենց ևս կկործանեն։
Տրամաբանությունը ընդդեմ խղճի։ Վիճաբանությունը ամենևին էլ նոր չէ, միայն տիեզերական դարին հատուկ, այլ նույնքան հին, որքան մարդկությունը։ Ինչպես հաճախ անցյալում՝ բոլորից կտրված, մարդկանց խմբերը ընկնում էին ջրի, ուտելիքի կամ տաքության բացակայությունից մեռնելու վտանգի մեջ։ Հիմա թթվածինը չի բավարարում, բայց էությունը նույն է։
Երբեմն ոչ ոք կենդանի չէր մնում, երբեմն փրկվում էին մի բուռ մարդիկ, որոնք մինչև մահ ինքնարդարացում էին փնտրում։ Ի՞նչ էր մտածում «Էսսեքս» կետորս նավի նավապետ Ջորջ Պալլարդը, երբ մարդակերության մեղքը վզին քայլում էր Նանտուկետի փողոցներով։ Պաթը չէր լսել երկու հարյուր տարի առաջ տեղի ունեցած այդ պատմությունը․ աշախարհը, ուր նա ապրում էր, խիստ զբաղված էր սեփական առասպելների ստեղծումով, որպեսզի ավանդություններ փոխ առներ Երկրից։
Սակայն Պաթ Հարրիսը վճիռը կայացրել էր։ Եվ նա գիտեր, որ Մըքենզին նույնպես այլ ընտրություն չուներ։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը չէին կարող մի վերջին կում թթվածնի համար սպանել ընկերոջը։ Իսկ եթե բանը հասնի ընդհարման․․․
― Ինչո՞ւ եք ժպտում, ― հարցրեց Մըքենզին։
Պաթը թուլացրեց ակամա լարված մկանները։ Այդ թիկնեղ ավստրալիացի գիտնականի տեսքն անգամ ջերմություն ու հանգստություն էր ներշնչում։ Նա միանգամայն նման էր Հանստենին, թեև շատ ավելի երիտասարդ կոմոդորից։ Կան այնպիսի մարդիկ, որոնք իսկույն հավատ են ներշնչում քեզ, զգում ես, որ կարելի է ապավինել նրանց։
― Ինչ մեղքս թաքցնեմ, ― ասաց Պաթը, հատակին դնելով դիմակը, ― ես մտածում էի այն մասին, որ հազիվ թե կարողանայի ձեզ խանգարել, եթե որոշեիք բաքը ձեզ վերցնել։
Մըքենզիի դեմքը տարակուսանք էր արտահայտում, ապա նա ժպտաց։
― Դա ձեր, լուսնաբնիկներիդ թույլ կողմն է․․․
― Այդ ինձ չի վերաբերում ամենևին, ― առարկեց Պաթը։ ― Այնուամենայնիվ, ուղեղը ուժից կարևոր է, ու բացի այդ իմ մեղքը չէ, որ ես մեծացել եմ տիեզերական այսպիսի ձգողականության դաշտում, որը վեց անգամ թույլ է ձերինից։ Ի դեպ, ինչպե՞ս որոշեցիք, որ ես տեղացի եմ։
― Նախ, ձեր մարմնի կազմվածքից։ Բոլոր լուսնաբնակները բարձրահասակ ու նիհար են։ Ու մաշկի գունից․ ոչ մի կվարցե լամպ չի կարող փախարինել իսկական արևին։
― Ասնեք դուք էլ պակաս արևկիզուք չունեք, ― քմծիծաղ տվեց Պաթը։ ― Գիշերը չի կարելի նկատել ձեզ՝ մինչև չդիպչես։ Ի միջի այլոց, որտեղի՞ց է ձեզ այդպիսի ազգանունը՝ Մըքենզի։
Պաթ Հարրիսը միայն լսել էր ռասայական նախապաշարումների մասին, որոնք դեռ լիովին չէին վերացել Երկրի վրա, ու այդ պատճառով էլ հարցրեց միանգամայն հանգիստ, առանց որևէ հետին մտքի։
― Միսիսոներներն են դրանով երջանկացրել իմ պապիս, երբ մկրտել են նրան։ Չեմ կարծում, որ այդ ազգանվան մեջ որևէ ակնարկություն լինի իմ ը֊ը․․․ ծագման մասին։ Որքան ինձ հայտնի է, ես անդրա եմ։
― Անդրա՞․․․
― Անդրածին՝ տեղաբնակ։ Մեր ժողովուրդը բնակվել է Ավստրալիայում մինչև սպիտակամորթների գալը։ Հետագա իրադարձությունները բավականին տխուր են եղել։
Պաթը շատ անտեղյակ էր երկրային պատմությանը․ լուսնաբնիկներից շատերի նման նա գտնում էր, որ մինչև 1967 թվականի նոյեմբերի 8֊ը, երբ ռուսները այնպիսի շուքով տոնեցին իրենց հեղափոխության հիսնամյակը, ընդհանրապես խոշոր իրադարձություններ չեն եղել։
― Երևի պատերա՞զմ սկսվեց։
― Ինչ պատերազմ, ինչ բան․․․ մեր ունեցածը նիզակն ու բումերանգն էր, իսկ նրանք՝ հրացանով էին։ Իսկ թոքախտն ու վեներական հիվանդությոննե՞րը․․․ Հարյուր հիսուն տարի պահանջվեց մինչ խելքներս գլուխներս կգար այդ հարվածից։ Միայն հազար ինը հարյուր քառասուն թվականից հետո տեղաբնիկների թիվը սկսեց աճել։ Այժմ մեր թիվը հարյուր հազար է, գրեթե այնքան, որքան կայինք, երբ ձեր նախնիները շնորհ արին մեզ։
Մըքենզին այս տեղեկությունները հայտնեց հեգնական ու անվրդով, առանց փոքր֊ինչ կշտամբանքի, սակայն, այնուամենայնիվ, Պաթը որոշեց իր վրայից գցել պատասխանատվությունը իր երկրային նախապապերի չարագործությունների համար։
― Ինձ մի նախատեք այն բաների համար, ինչ տեղի են ունեցել Երկրի վրա, ― ասա նա։ ― Ես երբեք չեմ եղել այնտեղ ու չեմ լինի՝ ձգողականությանը չեմ դիմանա։ Բայց ես շատ անգամ եմ հեռադիտակով տեսել Ավստրալիան։ Հոգով ես կապված եմ այդ երկրին․ իմ ծնողները տիեզերք են թռել Վումերայից։
― Իսկ իմ նախնիներն են այդպես կոչել նրան․ «վումերա»՝ պարսատիկ տեգ նետելու համար։
― Ձեր ժողովրդի մեջ կա՞ն այնպիսիսները, ― Պաթը բծախնդրորեն ընտրում էր բառերը, ― որոնք դեռ նախնադարյան պայմաններում են ապրում։ Կարծեմ Ասիայի որոշ շրջաններում։
― Հին տոհմային կացութձևը չքվել է։ Դա բավականին արագ կատարվեց, հենց որ աֆրիկյան պետությունները սկսեցին Ավստրալիային քննադատել ՄԱԿ֊ում։ Իհարկե, ոչ միշտ արդարացի, ըստ իս, ես չէ՞ որ նախ ավստրալիացի եմ, ապա նոր անդրածին․․․ Եվ պետք է խոստովանել, իմ սպիտակամորթ հայրենակիցները հաճախ շատ հիմար էին պահում իրենց։ Օրինակ, մտային տեսակետից մեզ համարում էին ոչ լիարժեք։ Մինչև անցյալ դարի վերջերը նրանցից ոմանք մեզ վրա նայում էին որպես քարի դարի վայրենիների։ Անվիճելի է, որ մեր նյութական մշակույթը հիրավի նախնադարյան էր, բայց մարդկանց մասին այդ բանը չէր կարելի ասել։
Թվում էր, թե «Սելենից»՝ ժամանակի ու տարածության առումով այդքան հեռու ընկած մի ապրելակերպի շուրջը սկսված նման խոսակցությունը տեղին չէր։ Բայց Պաթը տարօրինակ ոչինչ չէր տեսնում դրանում։ Հինգ ժամ, եթե ոչ ավելի, նա և Մըքենզին պետք է քունները փախցնեն ու աչքները պահեն քսան հոգու վրա։ Հարկավոր էր մի կերպ զբաղեցնել միմյանց։ ― Բայց եթե ձեր ժողովուրդը նախնադարյան չէր ― ձեզ ոչ մի կերպ վայրենի չես ասի, ― որտեղի՞ց էին սպիտակամորթները այդ բանը վերցրել։
― Սովորական հիմարություն՝ ավելացրած նախապաշարումն ու կանխակալությունը։ Շատ հեշտ է սահմանափակ անվանել այն մարդուն, որը չի կարողանում անգլերեն հաշվել, գրել ու մաքուր խոսել։ Օրինակի համար հեռու գնալու հարկ չկա։ Իմ պապը, առաջին Մըքենզին, ապրեց մինչև երկու հազար թիվը, բայց կարողանում էր հաշվել մինչև տասը։ Իսկ Լուսնի լրիվ խավարումը նա այսպես էր նկարագրում․ «Հիսուս Քրիստոսի նավթի լամպը բոլորովին թեքվեց»։ Լուսնի ուղեծրային շարժումը ես կարող եմ արտահայտել դիֆերենցիալ հավասարումներով, բայց դա չէր նշանակի, թե ես պապիցս խելոք եմ։ Եթե փոխենք մեր ապրած ժամանակները՝ կարող է պատահել, որ նա ավելի լավ ֆիզիկոս դառնար, քան ես։ Տարբեր պարագաներ ու հնարավորությունները, ահա թե բանն ինչումն է։ Պապիս համար առիթ չէր ներկայացել, որպեսզի հաշել սովորեր։ Հարկ չի եղել, որպեսզի ես ընտանիք պահեմ անապատում՝ հեշտ աշխատանք չէ, և պահանջում է մեծ ձեռնահասություն։
― Թերևս, ձեր պապի ունակություններից որոշ բան մեզ պետք գար այստեղ, ― մտախոհ ասաց Պաթը։ ― Մեզ համար ըստ էության խնդիրը միևնույնն է՝ գոյությունը պահպանել անապատում։
― Այդ համեմատությունը կարծես սազում է․․․ Թեև հազիվ թե մենք օգուտ ունենայինք բումերանգից ու կրակ առաջացնելու փայտիկներից։ Գուցե մոգական արարողություննե՞րը։ Ավա՜ղ, ես չգիտեմ դրանք։ Եվ բացի այդ կասկածում եմ, որ Արնհեմլենդի ցեղային աստվածների իշխանությունը տարածվի մինչև Լուսին։
― Իսկ դուք երբեք չե՞ք ափսոսել ձեր ժողովրդի սովորույթների ու բարքերի կորստի համար, ― շարունակեց Պաթը։
― Կարելի՞ է արդյոք ափսոսալ մի բանի համար, որը չգիտես։ Հաշվիչ մեքենայի վրա ես սովորել եմ աշխատել շատ ավելի շուտ, քան երբ առաջին անգամ տեսա Կորրոբորին․․․
― Ի՞նչը։
― Այդպես է կոչվում ցեղային ծիսական պարերից մեկը։ Ի դեպ, կատարողների կեսը ազգագրագետ ուսանողներ էին։ Այնպես որ, ես ռոմատիկ պատրանքներ չեմ տածում նախնադարյան կյանքի ու ազնվաբարո վայրենիների նկատմամբ։ Իմ նախնիները հիանալի մարդիկ էին, ես ամենևին չեմ ամաչում նրանց համար, բայց աշխարհագրական պայմանները նրանց փակուղի էին մտցրել։ Բոլոր ուժերը տվեցին, որպեսզի մի կերպ ապրեն, քաղաքակրթության համար ոչինչ արդեն չմնաց։ Եվ ինչ որ իմաստով նույնիսկ լավ է, որ սպիտակամորթները եկան, չնայած մեզ թունավորված ալյուր վաճառելու նրանց սքանչելի սովորությանը՝ երբ նրանց հարկավոր էր մեր հողը։
― Թունավորված ալյո՞ւր։
― Իհարկե, ինչո՞ւ եք զարմանում։ Դա Օսվենցիմից հարյուր տարի առաջ էր։
Մըքենզիի խոսքերը խորհրդածությունների առիթ տվեցին Պաթին։ Վերջապես նա ժամացույցին նայեց ու ակներև թեթևությամբ ասաց․
― Խարսխակայանի հետ կապվելու ժամանակն է։ Նախ եկեք ստուգենք, թե ինչպես են ուղևորները։
Գլուխ քսաներորդ
Փչովի իգլուն ու մյուս հնարամտությունները, որոնք հնարավորություն են ընձեռում հարմարավետ ապրելու Ծարավի ծովի վրա, կսպասեն, ինքն իրեն ասաց Լոուրենսը։ Հիմա հարկավոր է օդամուղը իջեցնել փոշեգնաց։ Այնպես որ, ինժեներներն ու տեխնիկները ստիպված կլինեն չարչարվել սկաֆանդրերով։ Ասենք նրանց տանջանքը երկար չի տևի։ Եթե հինգ֊վեց ժամում չհասցնեն, կարելի է ետ դառնալ, «Սելենը» թողնելով նույն անունը կրող աշխարհի թագավորությունում․․․
Պորտ֊Ռորիսի արհեստանոցներում հանկարծաստեղծման չտեսնված ու անկրկնելի հրաշքներ էին կատարվում։ Քանդում ու սահնակներն էին բեռնում օդամաքրիչ հարմարանքը, ներառյալ հեղուկ թթվածնով բալոնները, խոնավության ու ածխաթթու գազի կլանիչները, ջերմաստիճանի ու ճնշման կարգավորիչները։ Նույնպես էին վարվում հորատման հաստոցի հետ, որը տեղական հրթիռով այստեղ էին բերել Կլավիից, ուր ապրում էին երկրաբան֊ֆիզիկոսները։ Բեռնեցին նաև հատկուկ ընտրված խողովակներ։ Վատ կլինի, եթե նրանք չհարմարվեն, կատարելագործելու ժամանակ չի լինի․․․
Լոուրենսը չէր շտապեցնում մարդկանց։ Նա գիտեր, որ դրա կարիքը չկար։ Գլխավոր ինժեները ստվերում կանգնած՝ հետևում էր հանդերձանքի բեռնմանը, փորձելով կանխատեսել բոլոր հնարավոր անակնկալները։ Ի՞նչ գործիք պետք կգա։ Կբավականացնե՞ն արդյոք պահեստամասերը։ Ավելի լավ չէ՞ր լինի վերջում բեռնել տախտակամածը, որպեսզի առաջինը իջեցնել այն։ Վտանգավոր չի՞ լինի արդյոք թթվածին մղել «Սելեն» մինչև արտածծող խողովակի հարմարեցնելը։ Այս և հարյուրավոր նման հարցեր՝ երկրորդական, թե կարևոր, եռում էին նրա գլխում։ Մի քանի անգամ նա տեխնիկական տեղեկություններ հարցրեց․ ինչպիսի՞ն է ճնշումը խցում, ինչպիսին է ջերմաստիճանը, արդյոք չի՞ պոկվել խցի վթարային կափույրը (պարզվեց, որ ոչ, բայց ըստ երևույթին, փոշին փակել էր այն), որտեղ ծակել տանիքը։ Ու գնալով Պաթի համատ խոսելը դժվարանում էր․․․
Պորտ֊Ռորիսը վխտում էր ռեպորտյորներով, որոնք զավթել էին Երկրի ու Լուսնի մեջ եղած ռադիո և հեռուստակայանների կեսը։ Բայց գլխավոր ինժեները կտրականապես հրաժարվեց զրուցել նրանց հետ, և միայն սահմանափակվեց կարճ հայտարարություն անելով այն մասին, թե ինչ է կատարվել ու ինչ է նախապատրաստվում անել։ Մամուլի և ռադիոյի համար հայտարարություններ անելը՝ ադմինիստրացիայի ներկայացուցիչների գործն է։ Նրանք պարտավոր են հոգ տանել, որպեսզի նրան չխանգարեն աշխատել։ Լոուրենսը այդպես էլ ասաց «Լուսնաշրջիկի» պետին, ու չլսելով առարկությունները, լսափողը ցած դրեց։
Գլխավորը բնականաբար ժամանակ չուներ նայել հեռուստաէկրանին, բայց նրան լուր հասավ, որ դոկտոր Լոուսոնը արդեն հասցրել է հռչակվել իր կծու լեզվով։ Երևում է, «Ինթերփլանիթ Նյուսի» թղթակիցը, որին Լոուրենսը հանձնարարեց աստղագետին, ժամանակ չէր կորցնում։ Ըստ երևույթին, այդ երիտասարդը այժմ շատ ուրախ է, որ իր բախտը բերել է․․․
Բայց «այդ երիտասարդը» ամենևին էլ ուրախ չէր։ Անմատչելիության լեռներին հեծած (նա շատ գեղեցիկ կերպով հերքեց այդ ամենը) Մորիս Սպենսերին հանկարծ պատեց մի անակնկալ կսկիծ, որից մինչ այդ հաջողությամբ խուսափում էր։ Հարյուր հազար ստոլլար է ծախսվել «Աուրիգան» այստեղ քարշ տալու համար, ― կարծես անտեղի։
Ամեն ինչ վերջացած կլինի, մինչև փոշեսահնակները տեղ հասնեն․․․ Չլսված ու չտեսնված փրկարար օպերացիան, որը էկրաններին կգամեր միլիարդավոր հեռուստադիտողների, տեղի չի ունենա։ Քչերը կլինեին, որ չէին ցանկանա տեսնել, թե ինչպես են մահվան ճանկերից պոկում քսաներկու հոգու, իսկ ո՞վ կուզենա տեսնել, թե ինչպես են գերեզմաից դիակներ հանում․․․
Այսպիսի դատողություններ էր անում թղթակից Սպենսերը։ Նա իսկապես խորապես ցնցված էր։ Սարսափելի է նստել լեռան վրա, ընդամենը հինգ կիլոմետրի վրա այնտեղից, ուր հասունանում է ողբերգությունը, որը անկարող ես կանխել։ Նա տառացիորեն ամաչում էր իր յուրաքանչյուր շնչից, մտածելով, որ «Սելենի» ուղևորները խեղդվում են օդի պակասությունից։ Նորից ու նորից նա մտածում էր, թե արդյոք «Աուրիգան» չի կարող օգնել որևէ բանով (այ թե նյութ կլիներ թերթերի համար)։ Ավա՜ղ, նրանց վիճակված էր միայն դիտել, այդ անողոք Ծարավի ծովը կխափանի լուսնագնացին օգնության հասնելու նրանց ամեն մի փորձ։
Սպենսերը նախկինում էլ առիթ էր ունեցել ռեպորտաժ տալ դժբախտության վայրերից։ Բայց այս անգամ (զզվելի միտք) նա իրեն վամպիր էր զգում։
«Սելենում» լռություն էր։ Այնպիսի լռություն, որ քունը հաղթահարելու համար պետք էր մեծ ճիգ գործադրել։ Իսկ ինչքան լավ կլիներ քնել, երանելի թմրության մեջ ընկնել բոլորի հետ միասին․․․ Պաթը ուղղակի նախանձում էր քնածներին։ Սպառվող թթվածնի մեկ֊երկու կում՝ ու նրա միտքը պարզվեց, բայց դրանից միայն ավելի դառնացավ նրա հոգին։
Նա, իհարկե, մենակ չէր հաղթահարի նինջը ու չէր կարող հետևել քսան քնածներին, թթվածին տալ նրանց, ում մոտ չնչարգելության նշաններ երևային։ Նա և Մըքենզին ապահովագրում էին միմյանց, մեկը մյուսին օգնում էր քունը փախցնելու։
Անեն ինչ ավելի հեշտ կլիներ, եթե թթվածնի միակ բալոնը վերջանալու վրա չլիներ։ Իսկ հիմնական ցիստերռններում շատ հեղուկ թթվածին կա, բայց ինչ արած, դժվար է նրանց հասնելը․․․ Գոլորշացուցիչների միջոցով ավտոմատ սիստեմը հավասարաչափ կերպով խուց է մղում հեղուկ թթվածին, որը սակայն իսկույն խառնվում է ապականված օդին։
Պաթը չէր պատկերացնում, որ ժամանակը այդքան դանդաղ կարող էր ընթանալ։ Միթե ընդամենը չորս ժամ է անցել նրանց հերթապահ կարգվելուց ի վեր։ Պաթ Հարրիսը կարող էր երդվել, որ արդեն մի քանի օր է անցել այդ պահից․ ցածրաձայն զրույցը Մըքենզիի հետ, յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ Պորտ֊Ռորիսի հետ կապվելը, ուղևորների շնչառության ու զարկերակի ստուգումը, թթվածնի ժլատ կումերը․․․
Բայց ամեն ինչ վերջ է ունենում։ Այն աշխարհից, որը նորից տեսնելու հույսը նրանք արդեն կորցրել էին, ռադիոյով ստացվեց երկար սպասած լուրը։
― Մենք գալիս ենք ձեզ մոտ, ― հայտնեց գլխավոր ինժեներ Լոուրենսը։ Չնայած հոգնածությանը, նրա ձայնը խրոխտ էր։ ― Մի ժամ ևս դիմացեք․․․ Ինչպե՞ս եք զգում ձեզ։
― Լավ հոգնել ենք, ― դանդաղ ասաց Պաթը։ ― Բայց մենք կդիմանանք։
― Իսկ ուղևորնե՞րը։
― Նույնպես։
― Լավ։ Յուրաքանչյուր տասը րոպեն մեկ կկանչեմ ձեզ։ Ընդունիչը մի անջատեք, թող աշխատի լրիվ կարողությամբ։ Այստեղ բժիշկները ինչ֊որ բան են մտածել, վախենում են քնեք։
Պղնձե շեփորների թնդյունը տարածվեց Լուսնով մեկ, թռավ հասավ մինչև Երկիր ու ավելի հեռուները՝ արեգակնային համակարգության խորքերը։ Կարո՞ղ էր արդյոք Հեկտոր Բեռլիոզը իր «Ռակոցիմարշը» հորինելիս ենթադրել, որ երկու հարյուր տարի հետո իր երաժշտությունը հույս ու ավյուն կտա հարազատ մոլորակից շատ հեռու՝ կենաց ու մահու պայքար մղող մարդկանց։
«Սելենի» խուցը դղրդում էր ցնծագին երաժշտությունից։ Պաթի դեմքին ժպիտի նման մի բան երևաց։
― Թող ասեն, որ այդ երաժշտությունը հնացած է, ― ասաց Պաթը, ― նա իր գործը տեսնում է։
Արյունը եռաց նրա երակներում, ոտքերը իրենք իրենց տակտ էին խփում։ Լուսնային երկինքից, տիեզերքի անհունից ներս խուժեց քայլող բանակների և սրընթաց արշավող հեծելազորի դոփյունը, տարածվում էր շեփորների զիլ կանչը ռազմադաշտերի վրա, ուր մի ժամանակ ճակատամարտերում վճռվում էր ամբողջ ժողովուրդների բախտը։ Այդ վաղուց էր ու անցած֊գնացած բաներ են՝ բարեբախտաբար։ Բայց այն ժամանակներից նոր սերունդներին մնացել են նաև շատ փառավոր, ազնիվ գործեր․ քաջություն ու անձնազոհություն, օրինակներ այն բանի, որ մարդ շարունակում է պայքարը նույնիսկ այն դեպքում, երբ, կարծես, սպառված են բոլոր ֆիզիկական հնարավորությունները։
Ծանր շնչելով ապականված օդը, Պաթ Հարրիսը զգում էր, որ անցյալի ձայները նրա մեջ եռանդ են արթնացնում, որը անհրաժեշտ է ևս մեկ անվերջանալի ժամ դիմնալու համար։
«Փոշեսահնակ 1֊ի» նեղ, հանդերձանքով խռնված հարթակին կանգնած՝ գլխավոր ինժեներ Լոուրենսը, լսելով միևնույն երաժշտությունը, մոտավորապես նույնն էր զգում։ Չէ որ նրա փոքրիկ նավատորմիղը ճակատամարտի էր ելել ընդդեմ մի թշնամու, որը միշտ պետք է հակադրվի մարդուն։ Նվաճելով՝ տիեզերքը, մոլորակ֊մոլորակի ետևից, արև֊արևի ետևից, մարդիկ նորից ու նորից ընդհարվելու են բնության դեռևս անհայտ ուժերի հետ։ Նույնիսկ Երկիրը չի յուրացված լիովին՝ այս հազարավոր տարիների ընթացքում․ շատ ծուղակներ են սպասում նրա վրա դեռևս անշրջահայաց մարդուն․․․ Իսկ այն աշխարհում, որի հետ ծանոթությունը սկսվել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, մահը հետամուտ է ամեն քայլափոխին, հազար ու մի անմեղ դիմակով։ Ինչպես էլ ավարտվի մենամարտը Ծարավի ծովի հետ, նրանց սպասում են նորանոր մարտահրավերներ։
Ամեն մի փոշեսահնակ բուքսիրով քաշում էր բեռնավորված սահնակներ, որոնք ավելի ծանր էին, քան իրականում։ Նրանց մեծ մասը տախտակամածի համար դատարկ ցիստեռներն էին։ Փրկարարները տանում էին միայն ամենաանհրաժեշտը։ Հենց որ «Փոշեսահնակ 1֊ը» բեռնաթափվի, Լոուրենսը նորից այն կուղարկի Պորտ֊Ռորիս՝ բեռների նոր մասր բերելու։ Այդպիսով, անընդհատ հաղորդակցություն կլինի Խարսխակայանի հետ, և եթե հանկարծ մի բան պետք գա, ամենաուշը մեկ ժամ հետո կհասցնեն։ Ավելի լավ է լավատես լինել, թեև բացառված չէ, որ երբ նրանք վերջապես հասնեն «Սելենին», աճապարելը այլևս չօգնի․․․Պորտ֊Ռորիսի գմբեթները արագությամբ հորիզոնի ետևն էին անցնում։ Ժամանակ չկորցնելով, Լոուրենսը հրահանգավորում էր իր մարդկանց։ Նա ուզում էր Ծով դուրս գալուց առաջ մի գլխավոր փորձ կատարել, բայց ստիպված եղավ հրաժարվել այդ մտքից։ Ժամանակը չէր ներում։ Ամեն ինչ պետք է անել հանպատրաստից։ Երկրորդ փորձը չի լինի։
― Ջոնս, Սիկորսկի, Քոուլմեն, Մացուի՝ հենց որ տեղ հասնենք, դուք սահնակներից իջեցնում եք ցիստեռներն ու դասավորում, ինչպես պայմանավորվել ենք։ Ապա Բրյուսն ու Հոջեսը ամրացնում են կմախքը։ Աշխատեցեք չկորցնել հեղյուսներն ու պնդօղակները, գործիքները կապեք։ Եթե հանկարծ տախտակամածից վայր ընկնեք, խուճապի չմատնվեք, մի քանի սանտիմետրից ավելի չեք սուզվի, ես գիտեմ։ Սիկորսկի, Ջոնս՝ դուք կօգնեք տախտակամածը ամրացնելու, երբ կմախքը հավաքված կլինի։ Քոուլմեն, Մացուի՝ անմիջապես տախտակամածի պատրաստի հատվածների վրա եք տեղավորում խողովակներն ու փողրակները։ Գրինվուդ, Ռինալդի՝ դուք կսկսեք հորատումը․․․
Եվ այլն, ամեն ինչ հաջորդաբար։ Ամենավտանգավորն այն է, որ նեղության պատճառով միմյանց կխանգարեն, իսկ այժմ ամենափոքր իսկ վրիպում՝ և ամեն ինչ իզուր կանցնի․․․ Ավելին, Լոուրենսին հանգիստ չէր տալիս այն միտքը, որ նրանք կարծես մի կարևոր գործիք են մոռացել Պորտ֊Ռորիսում։ Բայց շատ ավելի ահավոր կլինի, երբ մտածում ես, որ քսաներկու հոգու կյանքը վտանգի տակ կլինի, եթե հանկարծ փոշու մեջ սուզվի այն մանեկաբանալին, առանց որի հնարավոր չի կատարել վերջին միացումը։
Անմատչելիության լեռներում Մորիս Սպենսերը հեռադիտակը ձեռքին՝ ուշադիր լսում էր Ծարավի ծովի վրա հնչող ռադիոձայները։ Յուրաքանչյուր տասը րոպեն մեկ Լոուրենսը կանչում էր «Սելենին», և ամեն անգամ կանչի և պատասխանի միջև ընկած դադարը ավելի ու ավելի էր երկարում։ Հարրիսին ու Մըքենզիին դեռ հաջողվում էր հաղթահարել քունը։ Ինչ խոսք, ամեն ինչ որոշում էր կամքի ուժը, բայց անշուշտ օգնում էր նաև Կլավիից տրվող երաշտությունը։
― Ինչո՞վ է այժմ նրանց արբեցնում այդ երաժշտական հոգեբանը, ― հարցրեց Սպենսերը։
Խցիկի մյուս անկյունում նստած ավագ ռադիստը ավելացրեց ընդունիչի ձայնը, ու Անմատչելիության լեռների վրա թևածեցին վալկիրիաները։
― Որքան ես հասկանում եմ, ― փնթփնթաց նավապետ Անսենը, ― նրանք մի գլուխ տասնիներորդ դար են հաղորդում։
― Չէ, ինչու, ― առարկեց Ժյուլ Բրակը, չանջատվելով իր կամերայից, ― հենց նոր նվագում էին Խաչատրյանի «Սրերով պարը»։ Այն ընդամենը հարյուր տարեկան է։
― Այժմ կկապվենք «Փոշեսահնակ 1֊ի» հետ, ― ասաց ռադիստը, և խցում մեռյալ լռություն տիրեց։
Նրանք միացան ըստ կարգացույցի, ճիշտ ժամանակին։ Փրկարարները արդեն այնքան մոտ էին, որ «Աուրիգան» նրանց հաղորդիչի ազդանշանները ընդունում էր անմիջականորեն, առանց «Լագրանժի» վերահարորդիչի։
― «Սելեն», ես Լոուրենսն եմ։ Մենք ձեր վերևում կլինենք տասը րոպեից։ Ինչպե՞ս եք զգում ձեզ։
Տանջալից դադար․․․ Այն մոտ հինգ վայրկյան ուշացավ, և վերջապես։
― Ես «Սելենն» եմ։ Փոփոխություններ չկան։
Ու վերջ։ Պաթ Հարրիսը շունչը խնայում էր։
― Տասը րոպե, ― ասաց Սպենսերը։ ― Նրանք պետք է, որ արդեն երևան։ Էկրանի վրա որևէ բան կա՞։
― Առայժմ ոչ, ― պատասխանեց Ժյուլը, օբյեկտիվը դանդաղ սահեցնելով հորիզոնի անդորր աղեղի երկարությամբ։ Ոչինչ՝ բացի տիեզերական գիշերվա զարհուրելի խավարից․․․
Այս Լուսինը մի իսկական տանջանք է օպերատորի համար, ինքն իրեն ասաց Ժյուլ Բարկը։ Կամ սև է, կամ սպիտակ, մեղմ, նուրբ կիսատոներ չկան։ Էլ չասած աստղերի այդ մշտական պրոբլեմի մասին։ Ճիշտ է, դա ավելի շուտ գեղագիտական, քան տեխնիկական հարց է։
Դիտողը ուզում է ցերեկը նույնպես լուսնային երկնքում աստղեր տեսնել, չէ որ սովորաբար նրանք չեն երևում․ ցերեկը արևի պայծառ լույսը աչքի զգայունությունը այնքան է թուլացնում, որ երկինքը թվում է դատարկ, համատարած սև։ Աստղերը տեսնելու համար պետք է նայել բլենդի միջոցով, որը զատում է կողմնակի լույսը։ Այն ժամանակ բիբերը աստիճանաբար կլայնանան, ու երկնքում կբռնվեն ճրագներ, մեկը մյուսի ետևից, մինչև վերջապես լցնեն ողջ տեսադաշտը։ Իսկ բավական է հայացքդ տեղափոխես մի այլ բանի վրա և՝ թյո՜ւ, ամեն ինչ կկորչի։ Մարդկային աչքը կարող է տեսնել երկուսից մեկը․ կամ ցերեկային աստղերը, կամ ցերեկային բնանկարը, բայց ոչ երկուսը միասին։
Սակայն հեռուստախցիկը ի վիճակի է դրանք տեսնել միաժամանակ, և շատ ռեժիսորներ օգտվել են դրանից։ Ճիշտ է, ոմանք դա կեղծարարություն են անվանել, բայց ինչ արած, աշխարհում քի՞չ են արդյոք այնպիսի խնդիրները, որոնք բացառում են հասարակ պատասխանը։ Ժյուլը «ռեալիստների» կողմնակից էր ու չէր ցույց տալիս աստղազարդ երկինքը, մինչև նրան չխնդրեին այդ մասին ստուդիայից։
Րոպե առ րոպե, ուր որ է հրաման կստացվի Երկրից։ Նա արդեն մի քանի կադր տվել է «վերջին լուրերի» համար․ Ծովի շրջապատկերը, խոշոր պլանով՝ լուսնափոշու մեջ ցցված միայնակ ձողը։ Իսկ շուտով նրա կամերան կարող է երկար ժամանակով դառնալ միլիարդավոր մարդկանց աչքերը։ Եթե խափանում չլինի՝ տարվա մեծագույն սենսացիան ապահովված է․․․
Նա շոշափեց գրպանում թաքցրած թալիսմանը։ Կինո՝ և հեռուստաինժեներների ընկերության անդամ Ժյուլ Բրակը կվիրավորվեր այն մարդուց, ով նրան մեղադրեր սնահավատության մեջ։ Բայց ստիպեք նրան բացատրել, թե ինչո՞ւ նա ոչ մի կերպ չի համաձայնի գրպանից հանել այդ փոքրիկ խաղալիքը, մինչև չհամոզվի, որ կադրերը եթեր են գնում։
― Ահա և նրանք, ― բացականչեց Սպենսերը խզվող ձայնով ու իջեցրեց հեռադիտակը։ ― Ձախ վերցրո՛ւ։
Ժյուլի կամերան արդեն նայում էր հորիզոնին։ Էկրանի տարադիտակի վրա երևացող անբասիր հարթ գիծը, որը միմյանցից բաժանում էր Ծովն ու տիեզերքը, կոտրվեց․ Լուսնի ետևից դուրս սողացին երկու առկայծող աստղիկներ։ Փոշեսահնակներն էին գալիս։
Նույնիսկ ամենամեծ ֆոկուսային տարածության վրա նրանք շատ փոքրիկ ու հեռու էին թվում։ Հենց այն, ինչ պետք էր․ Ժյուլը ցանկանում էր հեռուստադիտողի մոտ դատարկության ու միայնության զգացում առաջ բերել։ Օպերատորը նայեց «Աուրիգայի» գլխավոր էկրանին, որը հարմարեցված էր «Ինտերփլանիթի» կանալին։ Ամեն ինչ կարգին է, նա եթերում է։
Ժյուլ Բրակը գրպանից հանեց մի փոքրիկ հուշատետր ու այն դրեց հեռուստախցիկի վրա։ Բաց արեց շապիկը, այն կանգնած մնաց գրեթե ուղղահայաց, ու նրա ներսի կողմը անմիջապես կենդանություն առավ գույներից ու շարժումներից։ Միաժամանակ մի նրբին ձայն հայտնեց նրան, որ «Ինտերփլանիթ Նյուս Սերվիսի» հատուկ հաղորդումն է գնում, 107֊րդ կանալով, «և մենք այժմ ձեզ կտեղափոխենք Լուսնի վրա»։
Փոքրիկ էկրանը ցույց էր տալիս նույն կադրը, ինչ հեռուստացույցի տարադիտակը» Ասենք, ոչ այնքան էլ նույնը։ Փոքրիկ պատկերը երկուս ու կես վայրկյանով ետ էր մնում։ Եվ ահա թե ինչու․ երկուս ու կես միլիոն միկրովայրկյանում (նման մեծություններից սովորաբար խոսում են էլեկտրոնային ինժեներները) քիչ զարմանալի փոխարկումներ տեղի չէին ունենում։ Կամերան պատկերը տալիս էր «Աուրիգայի» հաղորդիչին, այնտեղից նա թռչում էր հիսուն հազար կիլոմետր մինչև «Լագրանժ»։ Այստեղ նրան որսում էին տիեզերքից, ուժեղացնում մի քանի անգամ և ուղղում Երկրի կողմը, դեպի վերահաղորդիչ֊արբանյակներից մեկը։ Այնուհետև՝ ցած, խռոնոսֆերայի միջով (վերջին հարյուր կիլոմետրերը ամենադժվարն էին) դեպի «Ինտերփլանիդի» շենքը, որտեղ հենց սկսվում էր ամենահետաքրքիրը, երբ այն վեր էր ածվում ձայների, պատկերների ու էլեկտրական իմպուլսների մի անվերջանալի հեղեղի, որոնք նորություններ ու հաճույք էին բերում մարկությանը։
Եվ, ահա, անցնելով ռեժիսորներից, հատուկ էֆեկտներ ստեղծողներից, տեխնիկներից՝ պատկերը վերադառնում էր այնտեղ, որտեղից սկսել էր իր ուղին, վերադառնում էր Ըրթսայդ՝ «Լագրանժ 2-ի» հզոր հաղորդիչների և Ֆարսայդ «Լագրանժ 1-ի» անտենաների միջոցով։ Երեք քառորդ միլիոն կիլոմետր էր անցնում, որպեսզի հաղթահարի Ժյուլի հեռուստախցիկի և նրա գրպանի ընդունիչի միջև ընկած միլիմետրերը։
«Արդյոք այս ձեռնածությունը արժի՞ նրա վրա ծախսված ամբողջ աշխատանքին», ― հարցնում էր իրեն Ժյուլը։ Մի հարց, որ մարդիկ տալիս են հեռուստատեսության հայտնագործումից ի վեր։
Գլուխ քսանմեկերորդ
Լոուրենաը տակավին տասնհինգ կիլոմետրի վրա նշմարեց «Աուրիգան»։ Դե ինչպես չնկատես՝ մետաղն ու պլաստիկը պայծառ փայլփլում էին արևի ճառագայթներից։
«Սա ի՞նչ սատանայություն է, ― հարցրեց ինքն իրեն ու ինքն էլ պատասխանեց․ ― Տիեզերանավ»։ Դե իհարկե, չէ որ խոսում էին այն մասին, թե ինչ֊որ գործակալություն հրթիռ է վարձակալել լեռները թռչելու համար։ Ինչ արած, դա նրանց գործն է։ Գլխավորի մտքովն էլ անցավ՝ չի կարելի արդյոք հանդերձանքը լեռները փոխադրել հրթիռով, երկար ժամանակ տևող ծովային փոխադրումներից խուսափելու համար։ Ցավոք սրտի, դա հնարավոր չէր՝ մինչև հինգ հարյուր մետր բարձրության վրա չկար տիեզերանավի վայրէջքի համար պիտանի որևէ հրապարակ։ Սպենսերի ընտրած ելուստը շատ բարձր էր գտնվում, փրկարարներին ոչ մի օգուտ չէր տա։
Գլխավոր ինժեներին ամենևին էլ չէր ուրախացնում, որ երկար ֆոկուսավոր օբյեկտիվները հետևելու են նրա յուրաքանչյուր շարժումին։ Ու ոչինչ էլ չես կարող անել․․․ Ուզում էին հեռուստախցիկը տեղավորել փոշեսահնակի վրա, բայց ինքը թույլ չտվեց՝ ի մեծ ուրախություն «Ինտերփլանիթ Նյուսի» և խիստ դառնություն մյուս գործակալությունների (որի մասին Լոուրենսը, բնականաբար, չէր կարող իմանալ)։ Իսկ, ընդհանրապես, եթե լավ մտածես, նույնիսկ վատ էլ չէ, որ մոտակայքում նավ կա, կապի լրացուցիչ միջոց կծառայի։ Թերևս, հաջողվի մի այլ օգուտ ևս քաղել նրանցից։ Օրինակ, մինչև իգլուի բերելը՝ մարդկանց տեղավորել նրա մեջ։
Բայց ո՞ւր է օրիենտիրը։ Նրա երևալու ժամանակն է։ Մի պահ Լոուրենսը սարսափով մտածեց, որ զննաձողը կարող էր խրվել լուսնափոշու մեջ․․․ Դա, իհարկե, չէր խանգարի գտնել «Սելենը», բայց այժմ նույնիսկ հինգ րոպե հապաղելը կարող էր ճակատագրական լինել։
Եվ հենց այդ ժամանակ գլխավորը թեթևացած շունչ քաշեց․ ահա նա, միանգամից չի էլ երևում բոցավառ լեռների ֆոնի վրա։ Վարորդը արդեն նկատել էր նպատակակետը և ճշտել ուղղությունը։
Փոշեսահնակները կանգ առան զննաձողի երկու կողմը, ու աշխատանքը սկսեց եռալ։ Ինչպես և նախատեսված էր, ութ հոգի սկաֆանդրերով շտապ ձեռնամուխ եղան դատարկ ցիստերներն ու ալյումինե ձողերը իջեցնելուն։ Ահա և ցիստեռները միացված են թեթև հիմնակմախքով, վերևից փռում են ջլապակե սալերը՝ տախտակամածը պատրաստ է։
Դեռևս երբեք Լուսնի պատմության մեջ մոնտաժային աշխատանքները այդպիսի ուշադրության չէին արժանացել։ Եվ պատճառը՝ լեռան վրայից նայող աչքն է։ Սակայն ութը փրկարարները չէին մտածում միլիոնների մասին, որոնք ակնդետ հետևում էին նրանց։ Նրանք այժմ միայն մի հոգս ունեին․ որքան կարելի է շուտ հավաքել տախտակամածը ու հարմարեցնել հորատման հաստոցը։
Յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ, երբեմն էլ ավելի հաճախ, Լոուրենսը կապվում էր «Սելենի» հետ, որպեսզի Պաթին ու Մըքենզիին տեղեկացնի աշխատանքի ընթացքի մասին։ Նա ամենից քիչ մտածում էր այն մասին, որ ամբողջ աշխարհը շունչը պահած իրեն է լսում։
Վերջապես, ընդամենը քսան րոպեից հետո, հորատման հաստոցը տեղադրվեց, ու առաջին խողովակը, ասես հինգմետրանոց հարպունը, ուղղվեց դեպի Ծովը։ Բայց այն կյանք էր տանում, այլ ոչ թե մահ։
― Սկսեցինք, ― ասաց Լոուրենսը միկրոֆոնի մեջ։ ― Առաջին խողովակը գնաց։
― Շուտ, շուտ, ― շշնջաց Պաթը։ ― Երկար չեմ դիմանա։
Նա ման էր գալիս ասես մառախուղի մեջ։ Ինքնազգացո՞ւմը։ Եթե հաշվի չառնենք թոքերի կսկծացող ցավը, ընդհանրապես վատ չէր։ Բայց միայն մահու չափ հոգնած էր․․․ Պաթ Հարրիսը նման էր ռոբոտի, որը կատարում էր մի հանձնարարություն, որի իմաստը վաղուց էր մոռացել, եթե միայն երբևէ հասկացել էր։ Մի ձեռքում բռնել էր չապռաստաբանալին։ Մի քանի ժամ առաջ նա հանեց այն գործիքների արկղից, իմանալով, որ պետք կգա։ Ինչի՞ համար։ Գուցե կհիշի, երբ ժամանակը գա․․․
Պաթի լսողությունը որսում էր հեռու֊հեռվից եկող ձայներ։ Այդ խոսակցությունը, ինչ խոսք, նրան չէր վերաբերում․ ինչ֊որ մեկը մոռացել էր անջատել «Սելենի» ալիքը։
― Հարկավոր էր այնպես անել, որպեսզի հորատիչը այստեղից քանդվեր։ Հանկարծ նրա ուժը չպատի։
― Ոչինչ չես կարող անել, պետք է ռիսկի դիմել․․․ Լրացուցիչ հարմարանքը՝ ավելորդ դանդաղեցում է, առնվազն մեկ ժամ։ Ապա տուր տեսնեմ․․․
Նրանք անջատվեցին, բայց լսածն էլ բավական էր, որպեսզի Պաթը ջղայնանար՝ որքան կարող է ջղայնանալ գիտակցությունը կիսով չափ կորցրած մարդը։ Նա նրանց ցույց կտա․․․ նա և ընկեր, դոկտոր Մըք․․․ Մըք․․․ ո՞նց էր անունը։ Մոռացավ, սատանան տանի։
Դանդաղ պտտվելով բազկաթոռի հետ, Պաթի հայացքը սահեց նստարանների վրայով։ Մարմիններ, մարմիններ․․․ իսկ ո՞ւր է ֆիզիկոսը։ Ահա նա։ Ծնկի է եկել միսսիս Ուիլյամսի մոտ։
Գիտնականը թթվածնի դիմակը սեղմել էր քնած կնոջ դեմքին, որի ծննդյան օրը հազիվ չհամընկավ մահվան օրվան։ Մըքենզին պարզապես չէր գիտակցում, որ բալոնից դուրս հոսող թթվածնի բնորոշ ձայնը վաղուց արդեն լռել է և մոնոմետրի սլաքը վաղուց կանգնած է զրոյի վրա․․․
― Մենք մոտ ենք, ― հայտնեց ռադիոն։ ― Այն է հա կլսեք հորատիչի աշխատանքը։
«Այդքան շո՞ւտ, ― մտածեց Պաթը։ Թեև, իհարկե, ծանր խողովակը առանց դժվարության պետք է ծակեր անցներ փոշին։ Ապրե՛ս, գլխի ընկավ, թե ինչումն է բանը․․․
Դը՛մփ։ Ինչ֊որ բան դիպավ տանիքին։ Բայց որտե՞ղ։
― Լսում եմ, ― փսփսաց նա։ ― Դուք հասաք մեզ։
― Գիտենք, ― պատասխանեց ձայնը։ ― Հաստոցը դեմ առավ։ Հիմա ձեզնից է կախված։ Դուք կարո՞ղ եք ասել, թե որտեղ է դեմ առել հորատիչը։ Նրա տակ դատա՞րկ տարածություն է, թե էլեկտրալարեր կան։ Մենք հիմա մի քանի անգամ կբարձրացնենք ու կիջեցնենք հաստոցը, լսեցեք։
Պաթը կատաղում էր։ Ինչո՞ւ են իրեն ստիպում լուծել նման բարդ խնդիրներ․․․
Թըրխկ, թըրխկ․․․ Որ սպանես էլ (ինչպիսի հաջող արտահայտություն՝ իսկ ինչո՞ւ), անհնար է կռահել թե որտեղ են թխկացնում։ Դե, լավ է, ինչ ենք կորցնում։
― Սկսե՛ք, ― մռթմռթաց նա։ ― Ճանապարհը բաց է։
Հարկ եղավ երկու անգամ կրկնել տալ, մինչև հասկացան նրան։
Ու անմիջապես (տեսնո՜ւմ ես, ինչ շուտ են գլխի ընկնում) հորատիչը սկսեց գայլիկոնել նավիրանը։ Պաթը հստակ լսում էր շառաչող ձայնը, որը ամեն մի երաժշտությունից լավ էր։
Մեկ րոպեից էլ պակաս ժամանակում գլիչը անցավ առաջին շերտի միջով։ Հանկարծ հաստոցը ավելի արագ պտտվեց ու անմիջապես կանգնեց՝ մոտորը անջատեցին։ Հորատողը խողովակները մի քանի սանտիմետր իջեցրեց, հորատիչը ներքին շերտին առավ ու նորից աշխատեց։
Այժմ ձայնը շատ ավելի զորեղացավ, ու Պաթը անհանգստացած գլխի ընկավ, որ ծակում են առաստաղի կենտրոնով անցնող գլխավոր կաբելի կողքին։ Եթե դիպչեն․․․
Նա դանդաղ ոտքի ելավ ու օրորվելով գնաց դեպի ձայնը։ Ու հենց հասնելուն պես, հանկարծ առաստաղից դուրս ժայթքեց կայծերի մի խուրձ, էլեկտրականությունը ճայթեց, լույսը հանգավ։
Բարեբախտաբար վթարային լուսավորությունը մնաց։ Ու երբ Պաթի աչքերը ընտելացան աղոտ կարմիր լույսին, նա տեսավ ներս մտած մետաղե գլանը։ Հորատող գործիքը դանդաղ մի կես մետր էլ իջավ խցի մեջ ու կանգ առավ։
Պաթի թիկունքում ռադիոն ինչ֊որ կարևոր բան էր ասում։ Մինչ ուղեղը կըմբռներ նրա իմաստը, ձեռքերը չապրաստաբանալին մոտեցրին խողովակի ծայրին։
― Մինչև մենք չասենք, գլիչը չհանեք, ― պնդում էր հեռավոր ձայնը։ ― Հակառակ կողմի փականը դեռևս չենք դրել, խողովակը բաց է դատարկության մեջ։ Հենց որ դնենք, կասենք ձեզ։ Կրկնում եմ, գլիչը չհանեք, մինչև չասենք։
Ինչ է կպել է՜։ Պաթը առանց նրան էլ գիտի, թե ինչ անել։ Միայն հարկավոր է ուժեղ հուպ տալ բանալու լծակը, ահա այսպես, ― քանդել հանել գլիչը, ու նորից կարելի է շնչել։
Ինչո՞ւ չի պտտվում․․․ Պաթը ուժ գործադրեց։
― Ի սեր աստծո, ― լսվեց ռադիոյից։ ― Ձեռք չտա՛ք։ Մենք դեռ պատրաստ չենք։ Եղած օդն էլ դուրս կթողեք խցից։
«Հիմա, հիմա, ― մտածեց Պաթը, ― դիտավորյալ ուշադրություն չդարձնելով ռադիոյին։ ― Այստեղ ինչ֊որ չի ստացվում․․․ Հեղույսը կարելի է պտտել այսպես․․․ և այսպես։ Իսկ եթե ես գլիչը հանելու փոխարեն, ավելի՞ եմ ամրացնում»։
Սատանան էլ գլուխ չի հանի։ Նա նայեց իր աջ ձեռքին, ապա ձախին։ Միևնույն է, ոչինչ չի հասկանում։ (Գոնե այդ զավզակը ձայնը կտրեր)։ Լավ, կփորձեմ պտտել մյուս կողմը, գուցե ստացվի։
Ու Պաթը, մի ձեռքով խողովակից բռնած, դանդաղ քայլերով շրջան կատարեց։ Բռնեց բանալին մյուս կողմից, երկու ձեռքով կառչեց նրան, որպեսզի չընկնի, ու անշարժացավ այդ դիրքում, գլուխը կախ գցելով։ Պետք է մի քիչ շունչ քաշել։
― Շրջադիտակը բարձրացնել, ― փնթփնթաց Պաթը։
Թե ինչ էր նշանակում այդ, ինքն էլ չգիտեր։ Պարզապես մի տեղ լսել էր այդ բառերը, և նրանք հարմար եկան այս պարագային։
Պաթ Հարրիսը դեռ խորհում էր իր ռեպլիկայի իմաստի վրա, երբ գլիչը ենթարկվեց ու սկսեց հեշտությամբ թուլանալ, առանց արգելքի։
Նրա գլխավերևում, տասնհինգ մետրի վրա Լոուրենսն ու նրա մարդիկ մի պահ քարացան զարհուրանքից։ Չնախատեսված բան էր կատարվել։ Օպերացիան պատրաստելիս նրանք նախօրոք կանխատեսել էին բոլոր հնարավոր վրիպումները, բացի այս մեկից․․․
― Քոուլմեն, Մացուի, ― բղավեց Լոուրենսը։ ― Աստծու սիրուն, թթվածնի փողրակը, շտա՛պ։
Սակայն նա արդեն գիտեր, որ նրանք չեն հասցնի։ Թթվածինը մղելու համար ևս երկու միացում պետք է արվեր։ Ու երկուսն էլ պտուտակային պարույրով։ Մի դատարկ բան, որ այլ պարագաներում բոլորովին ոչ մի դեր չի խաղա։ Բայց այժմ նրանից էր կախված մարդկանց կյանքը կամ մահը։
Իսկ Պաթը շարունակում էր քայլել շրջանով, հրելով բանալու լծակը։ Ամեն ինչ հաջող էր անցնում, պարույրից մոտ երկու սանտիմետր երևում էր։ Մի քանի վայրկյան ևս, ու գլիչը դուրս կթռչի։
Դե, բոլորովին քիչ մնա՛ց։ Բանալու ամեն մի պտույտի հետ՝ ավելի ու ավելի բարձր է շաչում։ Պարզ է, թթվածինը խուժում է ներս։ Մի փոքր էլ, ու նա կարող է շնչել ինչպես հարկն է, և ամեն ինչ կարգին կլինի։
Շչոցը փոխարինվեց չարագուշակ սուլոցով։ Անսպասելիորեն Պաթը տարակուսեց՝ թե արդյո՞ք ինքը այն է անում, ինչ պետք է։ Կանգնեց․․․ նայեց բանալուն․․․ մտամոլոր ծոծրակը քորեց։ Կարծես ամեն ինչ ճիշտ է․․․ Եթե ռադիոն այդ պահին միջամտեր, նա, հավանաբար, կենթարկվեր, բայց վերևում արդեն կորցրել էին նրան խելքի բերելու հույսը։
Լավ, շարունակեցեք։ (Հարյուր տարի այդպիսի խումար չէ՛ր ընկել)։ Պաթը նորից իրեն գցեց բանալու վրա՝ և բերանքսիվայր ընկավ հատակին, պարույրը վերջացավ, գլիչը դուրս պրծավ։
Խլացնող ոռնոցը ցնցեց փոշեգնացը, օդի հզոր հոսանքը պտտվեց ու խցով մեկ շաղ տվեց թղթի կտորտանքը։ Ցրտից գոլորշին խտացավ, խուցը պատեց մշուշով։ Պաթը շրջվեց մեջքի վրա, բայց մշուշի մեջ նա ոչինչ չտեսավ։ Ու այստեղ միայն նա հասկացավ, թե ինչ է կատարվել։
Տիեզերագնացի փորձառու ականջը անմիջապես ճանաչեց բնորոշ ձայնը։ Այնուհետև նա մեքենայաբար գործեց։ Պետք է մի տափակ բան գտնել ու անցքը փակել՝ ինչ էլ լինի, միայն թե բավականին ամուր։
Կարմիր մառախուղի մեջ, որը արդեն նոսրանում էր, դեպի դատարկություն ցնդելով, Պաթը տենդագին հայացքով փնտրում էր մի հարմար առարկա։ Որոտաձայն շառաչյունը չէր դադարում․ անհավանական էր թվում, որ նման մի փոքրիկ խողովակը կարող է այդպիսի դղրդոց դնել։
Պաթը քնած մարդկանց միջով բազկաթոռից բազկաթոռ էր անցնում։ Նա արդեն կորցրել էր հույսը՝ և հանկարծ աչքովն ընկավ փրկիչ առարկան։ Հատակին բաց ընկած էր մի հաստ բաց գիրք։ Չի կարելի այդպես վարվել գրքերի հետ, ինքն իրեն ասաց Պաթը, բայց ինչ բախտավորություն, որ այստեղ մի անփույթ մարդ գտնվեց։ Այլապես նա կարող էր և չնկատել գիրքը։
Պաթը հազիվ մոտեցել էր չարագույժ անցքին, որը ծծում էր կյանքը փոշեգնացից, երբ գիրքը ուղղակի խլեց նրա ձեռքից, և քիփ փակեց խողովակը։ Իսկույն ոռնոցը լռեց, պտուտահողմը դադարեց։ Պաթը մի երկու վայրկյան կանգնեց, ճոճվելով հարբածի նման, ապա ոտքերը ծալվեցին, ու նա փռվեց հատակին։
Գլուխ քսաներկուերորդ
Հեռուստատեսային հաղորդումներում իսկապես անմոռանալի են այն կադրերը, որոնք ստեղծվում են բոլորի համար անսպասելիորեն, այդ թվում օպերատորների ու մեկնաբանների համար։ Վերջին կես ժամվա ընթացքում տախտակամածի վրա եռուն, բայց խիստ կանոնավորված աշխատանք էր գնում, երբ հանկարծ ասես հրաբուխ ժայթքեց։
Անհավատալի է, բայց իրողություն է․ Ծարավի ծովից կարծես գեյզեր դուրս ցայտեց։ Ժյուլը անմիջապես նկատեց։ Հեռուստախցիկի օբյեկտիվը իսկույն բռնեց դեպի աստղերը խոյացող գոլորշու սյունը (ռեժիսորը պահանջում էր, որպեսզի դրանք երևան)։ Վերևի մասում սյունը լայնացավ՝ տարօրինակ դալուկ մի բույս․․․ կամ սնկանման ամպի փոքրացված օրինակը հիշեցնելով, այն ամպի, որ երկու սերունդ շարունակ երկյուղ էր ներշնչում մարդկությանը։
Դա ընդամենը մի քանի վայրկյան տևեց։ Միլիոնավոր հանդիսականներ քարացած նայում էին էկրաններին ու զարմանում՝ թե ինչպես կարող է անջուր ծովից շատրվան խփել։ Անսպասելիորեն գեյզերը նվազեց ու չքվեց անաղմուկ, ինչպես ծնվել էր։
Փրկարարները նույնպես ոչինչ չլսեցին, բայց անհնազանդ փողրակը միացնելով, նրանք զգացին, թե ինչպես է դողում խոնավ օդի սյունը։ Նույնիսկ եթե Պաթը չփակեր էլ խողովակը, վաղ թե ուշ փողրակը կհաջողվեր միացնել նրա հետ, հոսանքի ուժը այնքան էլ մեծ չէր, բայց այդ «ուշը» կարող էր «շատ ուշ» դառնալ․․․ Թե՞ նրանք արդեն․․․
― «Սելե՛ն», «Սելե՛ն», ― ձայն էր տալիս Լոուրենսը։ ― Դուք ինձ լսո՞ւմ եք։
Լռություն։ Փոշեգնացի հաղորդիչը չէր պատասխանում։ Գլխավոր ինժեները չէր լսում նույնիսկ սովորական աղմուկը, որ միշտ զգայուն միկրոֆոնը որսում է։
― Միացումը պատրաստ է, ― զեկուցեց Քոուլմենը։ ― Թթվածինը միացնե՞լ։
«Ոչ մի դեպքում, եթե Հարրիսը հաջողացրել է գլիչը տեղը դնել, ― մտածեց Լոուրենսը։ ― Բայց գուցե, նա պարզապես մի բանով կալնել է խողովակը, և ճնշումը դո՞ւրս կնետի խցանը»։
― Լավ, ― բարձրաձայն ասաց նա։ ― Միացրեք, լրիվ ճմշումով։
Դըրը՜մփ։ Վակուումով խողովակին դեմ ելած «Նարինջ ու խնձորը» շրմփաց հատակին, ու անցքից ցած հոսեց գազը, այնքան սառը, որ նրա ուղին կարելի էր տեսնել խտացող գոլորշու սպիտակ մրրիկով։
Մեկ րոպե, երկրորդը, երրորդը․․․ Տապալված գեյզերը շաչում էր, բայց ոչինչ չէր փոխվում։ Վերջապես Պաթ Հարրիսը շարժվեց․․․ փորձեց ոտքի կանգնել․․․ թթվածնի հոսանքը գետնին խփեց նրան։ Եվ ոչ թե նրա համար, որ հոսանքը շատ զորեղ էր, այլ պարզապես նա թույլ էր դեռևս։
Պաթը պառկած, երեսը դեմ էր արել սառնաշունչ քամուն ու վայելում էր զգաստացնող ցուրտը։ Եվ շնչում, շնչում էր․․․ Մի քանի վայրկյան հետո նա բոլորովին խելքի եկավ (բայց միայն գլուխն է ցավից տրաքում) ու վերհիշեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին կես ժամվա ընթացքում։
Հենց որ հիշում էր, թե ինչպես էր թուլացնում գլիչն ու մարտնչում հեռացող օդի հեղեղի դեմ, Պաթը քիչ էր մնում նորից կորցներ գիտակցությունը։ Բայց իրեն կշտամբելու ժամանակը չէր սխալմունքի համար։ Նա կենդանի է, և այդ է կարևորը։
Թեթև տիկնիկի նման բարձրացնելով Մըքենզիին, նրան տարավ կենսաբեր հոսանքի մոտ։ Նրա ուժը նկատելիորեն նվազել էր, քանի որ փոշեգնացի ներսի ճնշումը մոտենում էր նորմալին։ Մի քանի րոպե ևս, ու մրրիկը թեթև զեփյուռ կդառնա։
Ֆիզիկոսը իսկույն ուշքի եկավ։
― Որտե՞ղ եմ ես, ― հարցրեց նա ոչ այնքան ինքնատիպ կերպով՝ նայելով շուրջը։ ― Հա՜, նրանք արդեն հասել են մեզ։ Փա՜ռք աստծո, կարելի է շնչել։ Իսկ լույսին ի՞նչ է պատահել։
― Մի անհանգստացեք, ես հիմա կարգի կբերեմ։ Նախ մեզ անհրաժեշտ է յուրաքանչյուրին մոտեցնել խողովակին, որպեսզի թթվածին ներշնչեն նրանք։ Ուզում եք արհեստական շնչառությո՞ւն տալ։
― Երբեք չեմ փորձել։
― Դա շատ հեշտ է։ Մի րոպե, ես դեղարկղիկը միայն գտնեմ։
Պաթը վերցրեց շնչառական ապարատը և նրա գործողությունը սկսեց ցույց տալ մոտակա ուղևորի վրա․ դա Իրվինգ Շաստերն էր։
― Լեզուն մի կողմ տարեք, որպեսզի չխանգարի, փողրակը խրեք կոկորդը․․․ Հիմա սեղմեք այս ռեզինե տանձը․․․ սկզբում դանդաղ։ Սովորական շնչառության հաճախականությամբ։ Պա՞րզ է։
― Պարզ է, իսկ երկա՞ր պետք է տարուբերել։
― Ինձ թվում է, հինգ֊վեց անգամ խոր շունչ քաշելը բավական է։ Հարկ չկա նրանց խելքի բերել, միայն պետք է թոքերը օդափոխել։ Դուք սկսեց խցի առաջամասից, ես՝ վերջից։
― Բայց մեկ ապարատ ունենք։
Պաթը ժպտաց, ժպիտը բավականին դժգույն էր։
― Յոլա կգնանք, ― ասաց նա կռանալով հաջորդի վրա։
― Ախ հա՜, ― ասաց Մըքենզին, ես բոլորովին մոռացել էի։ Պաթը հազիվ թե պատահաբար մոտեցած լիներ Սյուին ու, կիրառելով հին, բայց բավականին ազդեցիկ եղանակը, անձամբ ձեռնամուխ եղավ օդ ներարկել նրա թոքերը՝ անմիջապես բերանով։ Ճիշտ է, նա չհապաղեց, հենց որ համոզվեց, որ նա շնչում է կարգին։
Պաթը արդեն երրորդին էր մոտեցել (դա միստր Ռեդլին էր), երբ նորից լսվեց ռադիոյի հուսահատ կանչը։
― «Սելե՛ն», «Սելե՛ն», պատասխանե՛ք։
Նա վայրկենապես միկրոֆոնը ձեռքն առավ։
― Ես Հարրիսն եմ, ամեն ինչ կարգին է։ Արհեստական շնչառություն ենք տալիս ուղևորներին։ Խոսելու ժամանակ չկա, հետո կմիանանք ձեզ հետ։ Ընդունիչը միացված եմ թողնում։ Պատմեցեք, թե դուք ինչ եք անում։
― Փա՜ռք աստծուն։ Մենք արդեն հուսահատվել էինք։ Լավ վախեցրիք մեզ, երբ գլիչը հանեցիք։
Լսելով գլխավոր ինժեների ձայնը, Պաթը մտածեց, որ կարելի էր և չհիշեցնել իրեն այդ տհաճ պատահարի մասին։ Առանց այդ էլ նա երբեք կյանքում չի ների իրեն այդպիսի վրիպման համար։ Թեև վերջին հաշվով բարին կատարվեց․ ուժգին ապասեղմումը «Սելենից» դուրս քաշեց ապականված օդի մեծ մասը։ Ընդամենը մեկ րոպե․․․ Իսկ որպեսզի նման ծավալ ունեցող մի խուց կորցնի ամբողջ օդը, չորս սանտիմետր տրամագծով խողովակը բավականին երկար պետք է աշխատի։
― Այժմ լսեցեք, ― շարունակեց Լոուրենսը։ ― Հաշվի առնելով ձեր գերտաքացումը, մենք պաղեցնում ենք թթվածինը, իհարկե, չափավոր։ Հենց որ շատ ցուրտ կամ չոր լինի, ասացեք մեզ։ Հինգ֊տասը րոպեից կմիացնենք երկրորդ խողովակը։ Եվ կստացվի օդափոխության սիստեմ, որը կփոխարինի ձերին։ Երկրորդ անցքը կծակենք «Սելենի» ետնամասում, միայն տախտակամածը մի մետր կտեղաշարժենք։
Տասը րոպե անց նրանք թրխկոց լսեցին անցման խցիկի կողմից։ Պատասխանելով Լոուրենսին, Պաթը նրան հանգստացրեց, առաստաղը այդ տեղում ազատ է, հորատողները ոչինչ չեն վնասի։
― Կարող եք չանհանգստանալ, ― ավելացրեց նա։ ― Մինչև չասեք, գլիչին ձեռք չեմ տա։
Այնքան ցրտեց, որ նա և Մըքենզին վերնազգեստները հագան, իսկ քնած ուղևորներին վերմակներով փաթաթեցին։ Կարելի էր հայտնել վերև, որպեսզի տաք օդ տային, սակայն Պաթը որոշեց, որ սառը ավելի լավ է։ Քիչ էր մնում եփ գային։ Բացի այդ, ցածր ջերմաստիճանը կարող էր վերականգնել «Սելենի» ածխածնային կլանիչները։
Երկրորդ խողովակը գործի դնելուց հետո նրանք լիովին ապահով կլինեն։ Տախտակամածից նրանց ուզածիդ չափ օդ կտան, չհաշված այն, որ իրենք դեռ մեկ օրվա պաշար ունեն։ Նույնիսկ, եթե իրենց գերությունը ձգձգվի էլ, գլխավոր վտանգը անցել է։
Իհարկե, եթե Լուսինը մի նոր դավ չլարի։
― Էհ, միստր Սպենսեր, ― ասաց նավապետ Անսոնը, ― կարծես վատ հաղորդում չի ստացվում, չէ՞։
Անցած մեկ ժամը Սպենսերից այնպիսի ջանքեր պահանջեց, որ նրա քաշած չարչարանքը իրենից երկու կիլոմետր ներքևում, տախտակամածի վրա աշխատող փրկարարների չարչարանքից ամենևին էլ պակաս չէր։ Ահա նրանք միջին պլանով՝ տարադիտակի էկրանի վրա են։ Հանգստանում են․․․ Եթե կարելի է հանգստանալ տիեզերական սկաֆանդրում։
Նրանցից հինգ հոգի, հավանաբար, որոշել են մի քիչ քնել, ընտրելով ոչ այնքան սովորական, բայց ընդհանրապես միանգամայն խելացի դիրք․ ռեզինե տիկնիկների նման պառկել էին տախտակամածի կողքին, կիսով չափ լուսնափոշու մեջ խրված։ Սպենսերը չէր կասկածում, թե տիեզերական սկաֆանդրը այնքան լողունակ է, որ չի սուզվում այդ նյութի մեջ։ Բացի այն, որ հանգստացող հերթափոխը շատ հարմար էր տեղավորվել՝ տախտակամածի վրա ազատ տարածություն ավելացավ ու աշխատելն հեշտացավ։ Երեք հոգի, առանց շտապելու, ստուգում ու կարգի էին բերում ապարատուրան։ Առանձնապես նրանք ուշադիր էին հետևում հսկա անկյունավոր օդամաքրիչին ու նրան միացված հաստափոր բալոններին։
Առավելագույն ֆոկուսը հնարավորություն էր տալիս այդ ամենը էկրանի վրա ցույց տալ ինչպես տասը մետր հեռավորության վրա, միայն թե սարքերի սլաքները չէին երևում։ Նույնիսկ միջին խոշորացման դեպքում հստակ կերպով երևում էին լուսնային փոշու մեջ խրված (ու դեպի անտեսանելի «Սելենը» ձգվող) երկու խողովակները։
Ամեն ինչ հանգիստ, խաղաղ է՝ ոչ թե ինչպես մեկ ժամ առաջ։ Եվ այսպես կլինի մինչև հանդերձանքի հաջորդ մասնակի ժամանումը։ Երկու փոշեսահնակն էլ վերադարձել են Պորտ֊Ռորիս․ այժմ աշխատանքը այնտեղ կեռա։ Ինժեներներն ու տեխնիկները փորձարկում ու հավաքում են այն սարքավորումը, որը, ինչպես նրանք են հույս տածում, ուղի բաց կանի դեպի «Սելեն»։ Այդ ամենը նախապատրաստելու համար հարկավոր է առնվազն մեկ օր։ Մինչ այդ, եթե անակնկալ որևէ բան չպատահի, Ծարավի ծովը անխռով կարող է գգվել առավատյան արևի ցոլքերում։ Հեռուստադիտողի համար առայժմ նոր կադրեր չեն լինի։
Մեկ ու կես լուսավայրկյան հեռավորությունից «Աուրիգայի» հրամանատարական խցիկ հասավ ռեժիսորի ձայնը։
― Փառավոր աշխատեցիք, Մորիս, Ժյուլ։ Համենայն դեպս պատկերագրում ենք, բայց մեր հաջորդ հաղորդումը զրո վեց զրո զրոյի վերջին լուրերից շատ չի լինի։
― Ի՞նչ արձագանքներ կան։
― Հրաշալի է, շքեղ։ Դեռ էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ են սպասվում։ Բոլոր խելահեղ գյուտարարները, որոնք ժամանակին փորձել են պատենտ ստանալ ամեն մի փուչ բանի համար, հանգիստ չեն տալիս իրենց առաջարկություններով։ Դրանցից մի քանիսին մենք հաղորդումներում տեղ կտանք վեցն անց տասնհինգին։ Այ թե զվարճալի կլինի։
― Իսկ ինչ կա որ, մեկ էլ տեսար, նրանցից մեկնումեկը մի գործնական բան ասաց։
― Կարող է պատահել, թեև հազիվ թե։ Նրանք, ովքեր խելքները գլխին են, կաշխատեն հեռու մնալ մեզնից, երբ տեսնեն, թե ինչպես ենք նրանց կոլեգաների հախից գալիս։
― Իսկ ի՞նչ եք մտադիր անել։
― Բոլոր առաջարկությունները կքննի ձեր գիտնական բարեկամը, դոկտոր Լոուսոնը։ Մենք արդեն փորձ արել ենք․ նա նրանց կաշին կքերթի։
― Իմ բարեկա՞մը, ― առարկեց Սպենսերը։ ― Ախր նրա հետ ես ընդամենը երկու անգամ եմ տեսնվել։ Առաջին հանդիպման ժամանակ ես նրանից տասը բառ պոկեցի, երկրորդ անգամ նա ձեռքերիս վրա քնեց։
― Դրանից հետո նա շատ է առաջադիմել, ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ։ Ասենք ինքներդ կտեսնեք մի․․․ մի քառասունհինգ րոպեից հետո։
― Ես չեմ շտապում։ Բացի այդ, հիմա ինձ այլ բան է հետաքրքրում․ ի՞նչ է մտածում Լոուրենսը։ Նա արդեն հանդե՞ս է եկել։ Քանի խաղաղ է, փորձեք նրան բռնացնել։
― Նա խիստ զբաղված է, հրաժարվում է պատասխանել։ Երևում է, որ ինժեներները դեռևս չեն որոշել ինչպես վարվել։ Պորտ֊Ռորիսում բազմազան փորձեր են դնում, հանդերձանք են հավաքում Լուսնի բոլոր կողմերից։ Հենց որ որևէ բան իմանանք, իսկույն ձեզ կհայտնենք։
Մորիս Սպենսերը արդեն ընտելացել էր այդ պարադոքսին․ հաճախ ռեպորտյորը չի տեսնում ընդհանուր պատկերը, թեև իրադարձությունների հենց կենտրոնում է լինում։ Նա հրել է ձնագունդը՝ այնուհետև այն գլորվում է նրանից անկախ։ Ինչ խոսք, Սպենսերն ու Ժյուլը ամենաթարմ կադրերն են տալիս, սակայն ամբողջությամբ վերցրած նյութի մատուցումը կախված է Երկրի վրա և Կլավիում գտնվող լրատվական կենտրոններից։ Սատանան ասում է, թո՛ղ Ժյուլին ու սլացիր շտաբ։
Իհարկե, դա հնարավոր չէ։ Եթե նույնիսկ հնարավոր էլ լիներ, շատ շուտով նա կփոշմաներ դրա համար։ Մորիս Սպենսերը զգում էր․ դա ոչ միայն նրա կարիերայի գագաթնակետն էր, այլև շրջադարձային կետ նրա կյանքում։ Նա այլևս հատուկ թղթակից չի լինի․ ինքն իրեն արդեն դատապարտել է բարձր պաշտոնի։ Դեռ հալա ոչինչ, եթե սահմանափակվեն Կլավիի հեռուստաստուդիայում մի խումբ փորձառու, հրահանգիչների աչքերի առջև տաքուկ բազկաթոռին նստեցնելով։
Գլուխ քսաներեքերորդ
«Սելենի» վրա առաջվա նման լռություն էր թագավորում, բայց դա ննջարանի լռություն էր, և ոչ թե մեռելանոցի։
Շուտով քնածները կսկսեն արթնանալ, ու նրանց համար սկիզբ կառնի այն օրը, որն ապրելու հույսն արդեն նրանք կորցրել էին։
Դժվարությամբ պահպանելով հավասարակշռությունը, Պաթ Հարրիսը բազկաթոռի թիկնակին կանգնած՝ վնասված կաբելն էր շտկում։ Ինչ լավ է, որ հորատիչը կողքով է անցել։ Հինգ միլիմետր ձախ, և ռադիոն կլռեր, այն ժամանակ բանը շատ ավելի բարդ կլիներ։
― Երրորդ հոսանքահատիչը միացրեք, դոկտոր, ― խնդրեց նա, մեկուսիչ ժապավենը փաթաթելով։ ― Կարծես ամեն ինչ կարգին է։
Հիմնական լուսավորության լամպերը վառվեցին, որոնք վթարային լույսից հետո չափազանց պայծառ էին։ Ու հենց նույն վայրկյանին մի ինչ֊որ բան պայթեց այնքան ասպասելի, որ Պաթը պոկվեց իր անհաստատ հենարանից։ Մինչ նրա ոտքերը հատակին կառնեին, նա գլխի ընկավ․ ինչ֊որ մեկը փռշտաց․․․ Ըստ երևույթին, չափը անց էին կացրել խուցը հովացնելով։
Հետաքրքիր է, ով առաջինը կարթնանա։ Լավ կլիներ, եթե Սյուն՝ անարգել կարելի է խոսել։ Դանքեն Մըքենզիից նա չէր քաշվում․ ճիշտ է, Սյուն այլ կերպ կարող է դատել։
Ինչ֊որ մեկը վերմակի տակ շարժվեց։ Պաթը շտապեց օգնության, բայց հանկարծ կանգ առավ ու վշտալի հոգոց քաշեց։
Ավա՜ղ, ամեն մի բարեբախտություն իր վերջն ունի, ու նավապետը պետք է կատարի իր պարտականությունը։ Պաթը կռացավ նիհարիկ մարմնի վրա, որը փորձում էր ոտքի կանգել, և հոգատար ձայնով հարցրեց․
― Ինչպե՞ս եք միսս Մոռլի։
Հեռուստատեսության ճանկն ընկնելը դոկտոր Լոուսոնի համար և՛ լավ էր, և՛ վատ։ Հեռուստաաստղ դառնալով, նրա վստահությունն ավելացավ հանդեպ սեփական անձի․ պարզվեց, որ այն աշխարհը, որին Թոմ Լոուսոնը համառորեն ատում էր, նրա գիտելիքների և տաղանդի կարիքն ունի։ (Թոմը չէր մտածում այն մասին, որ շատ շուտով կարող են վերստին մոռանալ՝ հենց որ «Սելենի» շուրջն ստեղծված աղմուկը վերջանա)։ Նրա համար առիթ ծառացավ ապացուցելու իր անկեղծ նվիրվածությունը աստղագիտությանը։ Միայն աստղագետների շրջանում նրա մոտ ինչ֊որ չէր ստացվում։ Եվ, բացի այդ, իհարկե, դոկտոր Լոուսոնը ուրախ էր լավ հոնորարի համար։
Սակայն ծրագիրը, որին նա մասնակցում էր, ասես դիտավորյալ կազմված էր այնպես, որպեսզի հաստատեր Թոմի վաղեմի համոզմունքը, թե մարդկանց մեծամասնությունը կամ սրիկա է, կամ հիմար։ Եվ «Ինտերփլանիթ Նյուս» գործակալությանն էլ չի կարելի մեղադրել այն բանում, որ չկարողացավ դիմանալ երկարատև ընդմիջումը (երբ տախտակամածի վրա էական ոչինչ չէր կատարվում) հաջող համարով լրացնելու գայթակղությանը։
Այն հանգամանքը, որ Լոուսոնը Լուսնի վրա էր, իսկ նրա զոհերը՝ Երկրի, տեխնիկներին ամենևին չէր հուզում․ այդ խնդիրը վաղուց ի վեր լուծվել է հեռուստատեսության կողմից։ Միևնույն է ծրագիրը միանգամից եթեր տալ չէր կարելի․ գրի առան ժապավենի վրա և դադարներն էլ հանեցին՝ այն երկուսուկես վայրկյանները, որոնք պահանջում էին ռադիոալիքները մինչև Լուսին հասնելու և ետ դառնալու համար։ Իհարկե, հաղորդման մասնակիցներին դա չէր օգնում, բայց հեռուստադիտողը նայելով հմուտ խմբագրի կողմից մշակված ժապավենը՝ ոչ մի անհարմարություն չէր զգում այն բանից, որ գործող անձինք միմյանցից բաժանված էին մոտ չորս հարյուր հազար կիլոմետրով։
Ունկնդիրների թվում էր նաև ինժեներ Լոուրենսը։ Նա հարմար դիրքով պառկել էր Ծարավի ծովի վրա ու նայում էր ամայի երկնքին։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում առաջին անգամ շունչ քաշելու հնարավորություն էր ստեղծվել, բայց մտքերը խռնվել էին գլխում ու չէին թողնում, որպեսզի քնի։ Էլ չասած այն բանի մասին, որ Լոուրենսը պարզապես չէր կարողանում քնել սկաֆանդրում։ Ասենք դրա հարկը չկա էր էլ․ առաջին իգլուները Պորտ֊Ռորիսից արդեն ճանապարհ են ընկել։ Հենց որ տեղ հասնեն, նա կտեղավորվի հարմարավետ, որին նա արժանի է։
Ինչ էլ ասեն սկաֆանդր պատրաստողները, նրա մեջ ինչպես հարկն է մեկ օրից ավելի չես կարող աշխատել։ Պատճառները շատ են, ու դրանք բոլորն էլ առավել կամ պակաս չափով ակներև են։ Վերցնենք թեկուզ այդ զզվելի «տիեզերական քոսը», որը հերմետիկ զգեստի մեջ մեկօրյա բանտարգելությունից հետո վնասում է գոտկատեղն (ու այլ տեղեր)։ Բժիշկները հավատացնում են, որ դա զուտ հոգեբանական երևույթ է, ու տիեզերական շատ էսկուլապոսներ շաբաթներով սկաֆանդրից դուրս չէին գալիս, որպեսզի այդ բանը ապացուցեն։ Բայց, ցավոք, նրանց տված օրինակը չվերացրեց այդ հիվանդությունը․․․
Տիեզերական սկաֆանդրերը ծնունդ տվեցին բանահյուսությանը՝ բազմազան ու բազմաբովանդակ, ոչ միշտ վայելուչ, առանձնահատուկ տերմինաբանությամբ։ Ոչ ոք ճիշտը չգիտի, թե ինչու 70֊ական թվականների նշանավոր մոդելներից մեկը կոչվում էր «Երկաթակուռ աղջիկ», բայց ամեն մի տիեզերագնաց հաճույքով կպարզաբանի, թե ինչու էր 2010 թվականին թողարկված «Մոդել XIV» ստացել «Տանջանքի խցիկ» անունը։ Այլ բան է, որ ամեն ոք չի հավատա, թե իբր սկաֆանդրը պատրաստվել էր սադիստական հակումներ ունեցող ինչժեներ֊կնոջ կողմից, որը մտքում դրել էր դաժանաբար վրեժ լուծել տղամարդկանցից։
Առայժմ Լոուրենսը վատ չէր զգում իրեն։ Ռադիոն բերում էր ձայները մարտնչող դիլետանտների, որոնք ոգևորությամբ շարադրում էին իրենց իդեաները։ Ինչ կա որ, գուցե (թեև քիչ հավանական է) այդ անզուսպ մտածողներից մեկն ու մեկի խելքը գլխին բան ասի։ Ինչպես ինքն էր հիշում, նման բան պատահել է, և նա պատրաստ էր ավելի համբերատարորեն լսել առաջարկությունները, քան դոկտոր Լոուսոնը, որը, ակնհայտ է, երբեք չի սովորի ներողամիտ լինել հիմարների նկատմամբ։
Թոմ Լոուսոնը հենց նոր ջարդուբուրդ արեց սիցիլիացի սիրող ինժեներին, որը առաջարկում էր փոշին ցրիվ տալ համապատասխանորեն տեղավորված ռեակտիվ ավիաշարժիչների օգնությամբ։ Բնորոշ դեպք է․ տեսականորեն այդ նախագծում կարծես արտասովոր ոչինչ չկար, սակայն բավական է նրան մոտենալ գործնական կողմից՝ ամեն ինչ ի դերև է ելնում։ Փոշին կարելի է ցրիվ տալ, բայց դրա համար հարկավոր է օդի անսպառ հոսանք։ Մինչ ճարտարախոս իտալացու փաստարկները անգլերեն էին թարգմանում, Լոուսոնը արագորեն հաշիվներ կատարեց։
― Իմ հաշվումներով, սինյոր Գուզայի, ― ասաց նա, ― օդային հոսանքով պետք եղած տրամաչափի հորան փորելու համար րոպեում կպահանջվի առնվազն հինգ հազար տոննա օդ։ Այդպիսի քանակությամբ օդը աշխատանքի վայրը բերելը անհնար է։
― Ը․․․ ըմ, կարելի է հավաքել օգտագործած օդը ու նորից այն շրջանառության մեջ դենլ։
― Շնորհակալ եմ, սինյոր Գուզայի, ― միջամտեց հաղորդավարի վճռական ձայնը։ ― Հաջորդը՝ միստր Ռոբերտսոն, Օնտարիո քաղաքից։ Ո՞րն է ձեր պլանը, միստր Ռոբերտսոն։
― Ես առաջարկում եմ սառեցում։
― Սպասեցեք, ― առարկեց Լոուսոնը, ― ինչպե՞ս կարելի է փոշին սառեցնել։
― Սկզբում այն ծծեցնել ջրով։ Ապա իջեցնել սառեցնող խողովակներ ու այն սառցի վերածել։ Կստացվի կարծր զանգված, որը հեշտությամբ կհորատվի։
― Ուշագրավ միտք է, ― մի տեսակ դժկամությամբ ընդունեց Լոուսոնը։ ― Համենայն դեպս, այնպիսի անհեթեթություն չէ, ինչպես մի քանի նախորդները։ Բայց դրա համար շատ֊շատ ջուր կպահանջվի։ Մի մոռացեք, փոշեգնացը տասնհինգ մետր խորության վրա է․․․
― Քանի՞ ֆուտ կանի այդ, ― հարցրեց կանադացին մի այնպիսի տոնով, որը իսկույն մատնում էր նրա պատկանելիությունը հակամետրային դպրոցին։
― Հիսուն, և ես հավատացած եմ, որ դա նույնքան լավ է հայտնի ձեզ, ինչպես ինձ։ Հանքահորի բնամասի տրամագիծը մի մետրից՝ ըստ ձեզ, յարդից պակաս չպետք է լինի։ Այսպես, ամփոփենք․ տասնհինգը տասի խորանարդով, տասը և․․․ մի խոսքով, տասնհինգ տոննա ջուր։ Այդ այն դեպքում, եթե բացառենք կորուստը, իրականում անհամեմատ շատ կպահանջվի, հավանաբար, մոտ հարյուր տոննա։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կկշռի սառեցնող հարմարանքը ամբողջ հանդերձանքով։
Իսկ նա ամենևին էլ վատ չի գլուխ հանում։ Ի տարբերությու Լոուրենսի ծանոթ գիտնականներից շատերի, Լոուսոնը անմիջապես ըմբռնում էր գործնական էությունը և, բացի այդ, արագությամբ հաշվում։ Սովորաբար, երբ աստղագետին կամ ֆիզիկոսին հարկավոր է արագ հաշվարկ կատարել, նրանք առաջին անգամ սխալվում են տասնյակներով, եթե ոչ հարյուրներով։ Որքան Լոուրենսը կարողացավ դատել, Թոմ Լոուսոնը միանգամից ճիշտ պատասխան էր ստանում։
Սառեցման կանադացի էնտուազիստը դեռևս պնդում էր իր գաղափարի վրա, բայց նրան անջատեցին, որպեսզի խոսքը տան մի աֆրիկաբնակի, որը առաջարկում էր ուղղակի հակադիր միջողը՝ տաքությունը։ Մի հսկայական գոգավոր հայելիով արևի ճառագայթները հավաքել լուսնային փոշու վրա՝ կիզակետում ու այն հալելով, զանգվածի վերածել․․․
Զգացվում էր, որ Լոուսոնը դժվարությամբ էր իրեն զսպում։ Արևի օգնությամբ ձուլման կողմնակիցը ամենահամառ ինքնուս գիտուններից մեկը դուրս եկավ, որոնք խիստ համոզված են իրենց հաշվումների անսխալականության մեջ։ Սկսված վիճաբանությունը հանաք բան չէր, բայց այդ ժամանակ գլխավոր ինժեների ականջին հնչեց մի ուժեղ ձայն։
― Փոշեսահնակները գալիս են, միստր Լոուրենս։
Գլխավորը շրջվեց ու նստեց, ապա մագլցեց տախտակամածի վրա։ Եթե փոշեսահնակները արդեն երևում են, ուրեմն նրանք շատ մոտ են։ Այդպես էլ կար, ահա «Փոշեսահնակ 1֊ը», ու նրա հետ «Փոշեսահնակ 3֊ը», որը դժվար ուղի էր անցել Ֆարսայդի Ծարավի լճից։ Մի արշավ, որը ինքնընստինքյան իսկական խիզախություն էր։ Բայց այդ խիզախության մասին մի բուռ մարդիկ գիտեն միայն։
Յուրաքանչյուր փոշեսահնակ բուքսիրով քարշ էր տալիս երկու սահնակ։ Ահա նրանք մոտեցան տախտակամածին, և իսկույն փրկարարները սկսեցին իջեցնել մեծ արկղը, որի մեջ իգլուն էր դրված։ Լոուրենսը սովորաբար հետաքրքրությամբ էր դիտում, երբ իգլուն փչում էին, բայց այժմ նա առանձնակի անհամբերությամբ էր սպասում այդ արարողության վերջանալուն։ (Դե, իհարկե, իրեն միայն տիեզերական քոսն էր պակաս)․․․ Ամեն ինչ արվում էր մեքենայաբար․ կնիքը պոկել, սեղմել երկու ինքնուրույն լծակները (ինքնաբերական միացումից ապահով լինելու համար) և սպասել։
Սպասումը երկար չտևեց։ Արկղը բացվեց, և երևաց խնամքով ծալված արծաթագույն կտորը, որը ասես կենդանի էակի նման խաղում էր։ Լոուրենսը մի անգամ տեսել էր, թե ինչպես թևերը աստիճանաբար պարզելով՝ հարսյակից թիթեռ էր դուրս գալիս։ Ճիշտ և ճիշտ, այդ է հիշեցնում։
Իհարկե, մեկ ժամ պահանջվեց մինչև թիթեռնակը երևաց իր ողջ պերճությամբ․ իգլուն երեք րոպեում պատրաստ էր լինում։
Պոմպը օդ էր մղում նրա մեջ, ու թաղանթը ձգվելով՝ ավելի ու ավելի էր ուռչում։ Ահա բարձրությունը մեկ մետրի հասավ, այժմ արդեն լայնքին է տալիս․․․ Հասավ մինչև կարերը, ու նորից ձգվեց դեպի վեր։ Կտրուկ շարժում՝ անցման խցիկն էր ― ուղղվեց։ Եվ այս ամենը կատարվում էր լուռ ու հանգիստ, թեպետ թվում էր, դժվարության ֆսսոց ու փնչոց պետք է լսվեր։
Բոլորովին քիչ է մնում․․․ Այժմ արդեն երևում է, թե որքան դիպուկ է «իգլու» անունը։ Իհարկե, ձյունե տնակները էսկիմոսներին պաշտպանում էին միանգամայն այլ (թեև մարդուն ոչ պակաս թշնամի) միջավայրից, բայց ձևը միևնույնն էր։ Խնդիրների նմանությանը հետևել էր նաև կառուցվածքային միանմանություն։
«Կահավորումը» շատ ավելի երկար ժամանակ էր պահանջում, քան իգլուի տեղակայումը։ Ամեն ինչ՝ մահճակալները, բազկթոռները, սեղանները, պահարանները, էլեկտրոնային ապարատները հարկավոր էր ներս տանել անցման խցիկով։ Որոշ առարկաներ, որոնք ավելի խոշոր էին, հազիվհազ էին մտնում, բայց մտնում էին։
Վերջապես ռադիոն ասաց․
― Բարի գալո՛ւստ։
Լոուրենսը չհապաղեց։ Նա սկաֆանդրից սկսեց ազատվել դեռևս օդասահանքի երկաստիճան խցիկի արտաքին հատվածում, ու հենց որ խտացող մթնոլորտում լսեց ներսից եկող ձայներ, հերմետիկ սաղավարտը հանեց։
Օխա՜յ․․․ Կարող ես կռանալ, շրջվել, քորել, անարգել շարժվել, ընկերներիդ հետ մարդավարի խոսել։ Նեղ լողարանում ջուրը նրա վրայից մաքրեց տարավ սկաֆանդրի հոտը․ այժմ պետք է աշխատել։ Կարճ անդրավարտիքը հոգնելով (իգլուում թեթև էին հագնում), նա նստեց սեղանի առջև՝ իր օգնականների հետ խորհրդակցելու։ Նրա պատվիրած նյութերի մեծ մասը արդեն բերվել էր, մնացածները մի քանի ժամ հետո կբերի «Փոշեսահնակ 2֊ը»։ Աչքի անցկացնելով ցուցակները, Լոուրենսը իրեն զգաց դրության տերը։ Թթվածնով ապահովված են, եթե միայն որևէ նոր խափանում չլինի։ Ճիշտ է, ջուրը վերջանալու վրա է, բայց այդ խնդիրը կարելի է հեշտությամբ շտկել։ Փոքր֊ինչ ավելի դժվար կլինի ուտելիքի հարցը, բայց և այնպես, բավական է հարմար ձևով ծրարել այն։ Ի դեպ, ճաշարանների վարչությունն արդեն ուղարկել է շոկոլադ, չորացած միս, պանիր և նույնիսկ բարակ ֆրանսիական բուլկիներ՝ այս ամենը տեղավորված է երեք սանտիմետր լայնությամբ գլանի մեջ։ Այժմ խողովակների միջոցով դրանք ցած կուղարկեն, և ուղևորների տրամադրությունը կբացվի։
Բայց այս ամենը այնքան էլ կարևոր չէր․ գլխավորը՝ նրա «մտավոր տրեստի» հանձնարարականներն էին, որոնք մարմնավորված էին մի դյուժին գծագրերի ու վեց էջի վրա գրված լակոնիկ հուշագրում։ Լոուրենսը կարդում էր շատ ուշադիր, ժամանակ առ ժամանակ գլխով հավանության նշան անում։ Ասենք, ինքն էլ նույն կարծիքին էր։ Այլ ուղի պարզապես չկար։
Ուղևորներին կարելի է փրկել, բայց դա «Սելենի» վեջին ճանապարհորդությունն էր։
Գլուխ քսանչորսերորդ
Երևում էր խողովակի միջով «Սելենից» դուրս պրծած մրրիկը իր հետ դուրս էր բերել ոչ միայն ապականված օդը։ Վերհիշելով աղետից հետո անցած մի քանի ժամերը, կոմոդոր Հանստենը մտովի նկատեց, որ երբ խուճապն անցավ, փոշեգնացում տիրեց մի տեսակ գրգռված, նույնիսկ փոքր֊ինչ հիստերիկ տրամադրություն։ Նրանց ոգևորելու և սիրտ տալու ջանքերը երբեմն նույնիսկ չափից անցնում էին, վերածվելով բռնազբոսիկ զվարթության ու գրեթե մանկական զվարճության։
Այժմ այդ ամենը ետևում է մնացել, և դժվար չէ հասկանալ՝ թե ինչու։ Բանը ոչ միայն նրանում է, որ փրկարարները մոտ են․ մահվան հետ երես առ երես հանդիպելը փոխում է մարդուն։ Երկչոտությունն ու եսականությունը տեղի տվեցին, ոգու արիություն եկավ նրանց վրա։
Այդ ամենը ծանոթ էր Հանստենին։ Նա քանիցս նկատել էր նույն բանը, երբ տիեզերանավերի անձնակազմները դժվար կացության մեջ էին ընկել արեգակնային համակարգության հեռաստաններում։ Կոմոդորը ի բնե փիլիսոփայելու հակում չուներ, սակայն տիեզերքում բավական ազատ ժամանակ կար խորհրդածությունների համար։ Երբեմն Հանստենը ինքն իրեն հարցնում էր, թե արդյո՞ք մարդը նրա համար չէ փնտրում վտանգը, որպեսզի նրա միջոցով հանգի համախմբման ու մերձակցության, որոնց նա (թեկուզ չգիտակցված) այդպես ձգտում է։
Ափսո՜ս, որ պիտի բաժանվի այս մարդկանցից։ Նույնիսկ միսս Մոռլիից, որն այժմ հանկարծ դարձել է սիրալիր ու վարվեցող, իր ուժերի ներածի չափով, իհարկե․․․
Կոմոդորը այնքան վստահ էր փրկարար աշխատանքների հաջող ավարտմանը, որ արդեն մտածում էր առաջիկա բաժանման մասին։ Ինչ խոսք, ամեն բան կարող է պատահել, բայց և այնպես, կարծես, նրանք ապահովագրված են ամեն տեսակի անակնկալներից։ Թե գլխավոր ինժեները ինչպես պետք է Ծովի մակերես հանի նրանց՝ առայժմ հայտնի չէ, բայց նա, անտարակույս, այդ բանը կանի։ Վտանգն անցել է, մնացել են միայն անհարմարությունները, որոնք միանգամայն կարելի է տանել։
Այն պահից ի վեր, երբ խողովակներով ներս թափվեցին ուտելիքով գլանները, զրկանքների մասին խոսելու տեղ չունեն։ Իհարկե, առանց դրա էլ նրանց սով չէր սպառնում, բայց սնունդը փոքր֊ինչ միապաղաղ էր, իսկ ջրերը պակասել էին։
Այժմ արդեն բոլոր ցիստեռնները լիքն էին, հարյուրավոր լիտրերով պաշար ունեն։ Տարօրինակ է, որ շրջահայաց ու հեռատես կոմոդոր Հանստենը երբեք չհարցրեց ինքն իրեն, թե ինչ եղավ «Սելենի» ցիստեռնների ջուրը։ Հասկանալի է, որ նրա միտքը ավելի անհետաձգելի գործերով էր զբաղված։ Եվ, այնուամենայնիվ, նա պետք է մտածեր, չէ որ շատ, շատ ջուր լցրին վերևից։ Կոմոդորի մտքով այդ բանն անցավ միայն այն ժամանակ, երբ արդեն ուշ էր։
Այդ թերացման մեջ մեղավոր չէին նաև Պափ Հարրիսն ու գլխավոր ինժեներ Լոուրենսը։ Փայլուն պլան, գերազանց կատարում, ու ընդամենը միայն մի ճեղքվածք։ Ավելին պետք էլ չէ, ասենք․․․
Ըրթսայդի ինժեներական բաժինը աշխատում էր ամբողջ ուժով, բայց ժամացույցի սլաքի հետ սկսված մրցավազքը դադրեց։ Այժմ ժամանակը ներում էր, որպեսզի փոշեգնացի մակետներ պատրաստեն, ընկղմեն դրանք Ծովը Պորտ֊Ռորիսի մոտ և գտնեն եզրափակիչ օպերացիայի տարբեր լուծումներ։ Խորհուրդները (խելքին մոտ և այլ կարգի) շարունակում էին թափվել բոլոր կողմերից, բայց ոչ ոք ուշադրության չէր արժանացնում դրանք։ Հնարը գտնված է, և ոչ մի ուղղում չի լինի, եթե որևէ անակնկալ չպատահի։
Իգլուն տեղակայելուց քսանչորս ժամ հետո, հարմարանքները պատրաստվել ու հասցվել էին տեղ։ Այո, ռեկորդ է, բայց Լոուրենսը ի սրտե ուզում էր, որպեսզի հարկ չլինի գերազանցել ռեկորդը, որքան էլ նա հպարտանում էր այդ խիզախությունը գործող մարդկանցով։ Ինժեներական բաժինը հազվադեպ էր վայելում վաստակած դափնիները, նրանց ջանքերը ընդունվում էին հավուր պատշաճի՝ ինչպես այն օդը, որ մատակարարում էին այդ նույն ինժեներները։
Այժմ, երբ ամեն ինչ հաջող էր գնում, Լոուրենսը բնավ դեմ չէր ելույթ ունենալուն, և Մորիս Սպենսերը միայն ուրախ էր նրան օգնելու համար։ Նա վաղուց էր սպասում այդ առիթին։
Ի դեպ, եթե հիշողությունը չէր դավաճանում իրեն, առաջին անգամն էր, որ հեռուստատեսային խցիկին ու ինտերվյու տվողին բաժանում էր հինգ կիլոմետր։ Այդպիսի հսկայական խոշորացման դեպքում, հասկանալի է, պատկերը մի թեթեև ճապաղում էր, և ամենափոքր իսկ ցնցումը ստիպում էր նրան պար գալ էկրանի վրա։ Այդ պատճառով էլ ներկա գտնվողները աշխատում էին իրար չզգալ, իսկ սարքերն ու ապարատները (բացի ամենաանհրաժեշտներից) անջատել էին։
Գլխավոր ինժեներ Լոուրենսը սկաֆանդրը հագին կանգնած էր տախտակամածի ծայրին, ոչ մեծ ամբարձիչ կռունկին հենված։ Կռունկի սլաքից կախված էր լայն, երկու կողմից բաց բետոնե մի գլան՝ առաջին հատվածը այն հորի, որ պետք է ըկղմվեր լուսնային փոշու մեջ։
― Մենք բոլորս կշռադատեցինք և եկանք այն եզրակացության, որ դա լավագույն եղանակը կլինի, ― ասաց Լոուրենսը հեռավոր հեռուստախցիկին (թեև նրա խոսքերը առաջին հերթին ուղղված էին տասնհինգ մետր ներքևում թաղված մարդկանց)։ ― Այս գլանը կոչվում է կեսսոն։ Սեփական ծանրության ազդեցության տակ այն հեշտությամբ կընկղմվի փոշու մեջ, նրա ներքևի սուր եզրակը փոշու մեջ կմտնի հեշտությամբ։ Մի քանի հատված իրար վրա կդնենք ու այդպիսով կհասնենք փոշեգնացին։ Երբ ներքին հատվածը կանգնի նրա տանիքին, կարելի է փոշին դուրս տալ, միացումը բավականին ամուր կլինի։ Ու ջրհորի նման մի բան կստացվի՝ հոր, որը մեզ կմիացնի «Սելենի» հետ։ Բայց դա միայն գործի կեսն է։ Այնուհետև հարկ կլինի հորը ծածկել մեր հերմետիկ իգլուներից մեկով, որպեսզի կարողանանք ծակել փոշեգնացի տանիքը, չվախենալով, որ օդը դուրս կգա։ Կարծում եմ․․․ Հուսով եմ, որ այդ ամենը այնքան էլ դժվար չի լինի։
Նա դանդաղեց, ինքն իրեն հարցնելով, շոշափե՞լ արդյոք այլ մանրամասներ, որոնք օպերացիան շատ ավելի են բարդացնում, քան թվում էր առաջին հայացքից։ Չէ, չարժի․ ով գլուխ է հանում դրանից՝ կհասկանա, ուրիշներին հարկավոր չէ, կմտածեն, որ թանկ եմ ծախում ինձ։ Քանի դեռ ամեն ինչ լավ է ընթանում, անտեսանելի հանդիսատեսները («Լուսնաշրջիկի պետի տվյալներով, այժմ նրանց հետևում են մոտ կես միլիարդ հեռուստադիտողներ) իրեն չեն հուզում։ Իսկ եթե մի որևէ բան չստացվի․․․
Գլխավորը ձեռքը բարձրացրեց, նշան տալով կռունկավարին։
― Մայննա՛ (ասել է՝ իջեցրու)։
Չորս մետրանոց գլանը դանդաղ սկսեց իջնել փոշու մեջ։ Ահա լրիվ ընկղմվեց, միայն ծայրերը մնացին մակերեսի վրա։ Այսպես, առաջին հատվածը գնաց․․․ Գոնե մյուսները նույնպես հեշտ գնային։
Փրկարաներից մեկը հարթաչափը ձեռքին զգուշորեն քայլեց եզրակով, ստուգելով, թե արդյոք թեքվածք չկար։ Նա բութ մատը տնկեց։ Լոուրենսը պատասխանեց նույն ժեստով։ Ժամանակին ինքը ուզածդ մոնտաժորդից վատ չգիտեր ժեստերի լեզուն․ այդ բանը նրանց գործում բավականին կարևոր է, որովհետև ռադիոն կարող է փչանալ կամ կապի միջոցները զբաղված լինեն ավելի նշանակալից խնդիրներով։
― Պատրաստե՛լ երկրորդը, ― կարգադրեց գլխավոր ինժեները։
Դա արդեն դժվար կլինի, առաջին հատվածը անշարժ պահել ու երկրորդը կցել նրան այնպես, որպեսզի եղածն էլ չփչացնել։ Որ ճիշտ ասենք, նման աշխատանքը պահանջում է երկու կռունկ․․․ Ասենք, հենց ուղիղ Ծովի մակերևույթի վրա հարմարեցված երկանիստ հեծաններից շրջանակը իր վրա կառնի ծանրության մի մասը։
― «Ասա միայն չվրիպե՛ն հիմա», ― մտովի աղերսեց գլխավոր ինժեները։ Երկրորդ հատվածը պոկվեց սահնակից․․․ Երեք տեխնիկներ ձեռքով ուղղեցին բետոնե օղը, ու նա կախ ընկավ ճիշտ ուղղահայաց։ Ահա թե երբ պետք էր հիշել մասսայի և կշռի միջև եղած տարբերության մասին։ Որքան էլ քիչ էր կշռում ճոճվող գլանը, նրա իներցիան նույնն էր, ինչ Երկրի վրա, և նա կարող էր ջարդուփշուր անել բերանբաց գործավորին։ Նկատելի էր նաև այդ կախված մասսայի դանդաղ ճոճումը։ Լուսնի վրա ճոճանակի ճոճման արագությունը կիսով չափ պակաս է, քան Երկրի վրա։ Ոչ լուսնաբնակի համար դրան ընտելանալը դժվար էր։
Եվ ահա երկրորդ հատվածը նստեց առաջինի վրա, կցումը պատրաստ է, ու Լոուրենսը նորից կարգադրում է․ «Մայնա՛»։
Դիմադրությունն ավելացավ, սակայն կեսսոնը սեփական ծանրության ազդեցության տակ սահուն կերպով խրվեց փոշու մեջ։
― Արդեն ութ մետր է, ― ասաց Լոուրենսը։ ― Կեսից անցել է։ Երրորդ հատվածը տվեք։
Ապա չորրորդը՝ և վերջ։ Ճիշտ է, նա առ ի դեպ պատվիրել էր ևս մի հատված։ Ծարավի ծովի արմատուրաներ կլանելու ունակությունը երկյուղ էր ներշնչում նրան։ Առայժմ կորել են ընդամենը մի քանի հեղյուսներ ու պնդողակներ, իսկ եթե կռունկից պոկվի բետոնե հատվածը, այն իսկույն կսուզվի։ Թեկուզ նույնիսկ ոչ խորը (օրինակ, եթե կողքի ընկնի)՝ երկու մետրն էլ բավական է, որպեսզի այն կորած համարվի։ Փրկարար հանդերձանքը փրկելու ժամանակ չկա։
Երրորդ հատվածը նկատելիորեն դանդաղ ընկղմվեց փոշու մեջ։ Ոչինչ, միայն թե գնա։ Մի քանի րոպե ևս, ու նրանք կհասնեն փոշեգնացի տանիքին։
― Տասներկու մետր, ― պարզորոշ արտասանեց Լոուրենսը։ ― «Սելեն», մենք ընդամենը երեք մետրի վրա ենք ձեզնից, դուք այն է հա մեզ կլսեք։
Ու նրանք լսեցին։ Բոլորը թեթևացած շունչ քաշեցին։ Դեռ տասը րոպե առաջ Հանստենը նկատել էր, որ իջեցվող կեսսոնին դիպչելով՝ թթվածնի խողովակը ցնցվում է։ Անմիջապես երևում էր, երբ էր կեսսոնը կանգնում, և երբ շարժվում նորից։
Նորից հարված, ու միևնույն ժամանակ առաստաղից սկսեց փոշի թափվել։ Խողովակները, որոնցով օդ էր տրվում, քսան սանտիմետրի չափ կախված էին, Պաթը կցաները սվաղել էր շուտ չորացող ցեմենտով, որը մտնում էր յուրաքանչյուր տիեզերանավի վթարային հանդերձանքի մեջ։ Ըստ երևույթին, այդ ծեփանը թուլացել էր։ Բայց մանր փոշեանձրևը, որ ծորում էր անցքերից, շատ աննշան էր, որպեսզի անհանգստացներ ուղևորներին։ Այնուամենայնիվ, Հանստենը որոշեց դրա վրա հրավիրել նավապետի ուշադրությունը։
― Տորօրինակ է, ― նկատեց Պաթը, նայելով խողովակի ծայրին։ ― Այդ ցեմենտը ոչինչ չպետք է որ բաց թողնի․․․
Նա բարձրացավ բազկաթոռին և ուշադիր նայեց կցաններին։ Մի պահ լռեց, ապա ցատկեց ցած։ Երևում էր, Պաթը մտահոգված էր ինչ֊որ բանով։
― Ի՞նչ է պատահել, ― կամաց հարցրեց Հանստենը։
Կոմոդորը արդեն լավ էր ուսումնասիրել Պաթին, նա իսկույն հասկացավ, որ պատահածը վատ բան է։
― Խողովակը վեր է սողում, ― պատասխանեց նավապետը։ ― Տախտակամածի վրա մեկնումեկը անփույթ է աշխատում։ Կցանները ծեփելուց հետո մեկ սանտիմետր քաշվել է։
Հանկարծ նա սփրթնեց։
― Աստված իմ, ― շշնջաց Պաթը։ ― Իսկ եթե պատճառը մե՞նք ենք, եթե մենք շարունակում ենք ընկղմվե՞լ։
― Ի՞նչ անենք, ― հանգիստ հարցրեց կոմոդորը։ ― Զարմանալու ոչինչ չկա, մեր ծանրության տակ փոշին սեղմվում է։ Դա դեռևս չի նշանակում, որ մեզ վտանգ է սպառնում։ Այդ խողովակից դատելով, քսանչորս ժամվա ընթացքում մենք ընկղմվել ենք մեկ սանտիմետր։ Եթե հարկ լինի, վերևից կավելացնեն խողովակները։
Պաթը շփոթված ժպտաց։
― Դե, իհարկե, այդպես էլ կա։ Եվ ինչպե՞ս ինքս չկռահեցի։ Հավանաբար, մենք շարունակ դանդաղ իջնում ենք, պարզապես մինչև հիմա դրանում համոզվելու առիթ չէր եղել։ Ես, այնուամենայնիվ, կզեկուցեմ միստր Լոուրենսին, դա կարող է ազդել նրա հաշվումների վրա։
Պաթ Հարրիսոնը շրջվեց, որպեսզի գնա փոշեգնացի առաջնամասը։ Նա չհասցրեց նույնիսկ երկու քայլ անել։
Գլուխ քսանհինգերորդ
Միլիոն տարի էր պետք եկել բնությանը, որպեսզի պատրաստեր ծուղակը, որի մեջ ընկել էր «Սելենը»։ Իսկ երկրորդ անգամ նավն ինքը փոս փորեց իր համար։
Հարկ չկար, որպեսզի կոնստրուկտորները չափից ավելի թեթևացնեն փոշեգնացը, մանավանդ, որ ճանապարհորդությունը տևում էր միայն մի քանի ժամ։ Այդ պատճառով էլ նրանք «Սելենը» չէին օժտել հնարամիտ, թեև ոչ շատ գովերգված հարմարանքով, որը տիեզերանավերին հնարավորություն է տալիս նորից շրջանառության մեջ դնելու արդեն օգտագործված ջուրը։ Այստեղ հարկ չկար խնայելու յուրաքանչյուր կաթիլը, և ինչ որ ընկնում էր կոյուղին, փոշեգնացը ուղղակի դուրս էր նետում։
Վերջին հինգ օրվա ընթացքում մի քանի հարյուր կիլոգրամ ջուր ու գոլորշի էր փոխանցվել շրջապատող միջավայրը։ Ագահաբար կուլ տալով ջուրը, լուսնափոշին թրջվել ու ցեխ էր դարձել։ Ծովի ողջ նավամերձ շրջանը ներծծել էր խոնավությունը։ Դանդաղ ու աննշմարելի կերպով փոշեգնացը ողողել էր իր մահիճը։ Վերևից իջեցված կեսսոնի թեթևակի հպումն իսկ վճռական եղավ։
Առաջին նշանը, որից տախտակամածի վրա կռահեցին, որ աղետ է պատահել, օդամաքրիչի կարմիր լամպի ընդհատուն լույսն էր։ Միաժամանակ փրկարարների սաղավարտախոսներից բոլոր ալիքներով սկսեց ոռնալ ռադիոշչակը։ Հենց որ հերթապահ տեխնիկը սեղմեց անջատիչի կոճակը, ոռնոցը դադարեց, բայց կարմիր լույսը շարունակում էր առկայծել։
Սարքերին նայելուն պես, Լոուրենսը իսկույն հասկացավ տագնապի պատճառը։ Օդամուղի (երկու խողովակների միացումը «Սելենի» հետ խախտվել է, օդամաքրիչներից մեկը թթվածինն ուղղակի Ծովն է մղում, իսկ երկրորդի միջով (այ քեզ ձախորդությո՜ւն) ծծում է փոշին։ «Ինչ կլինի ֆիլտրերի հե՛տ», ― ինքն իրեն հարցրեց գլխավորը, բայց անմիջապես թողեց այդ միտքն ու սկսեց կանչել փոշեգնացը։
«Սելենը» լուռ էր։ Նա փորձեց բոլոր ալիքները, սակայն անկարող եղավ որսալ նույնիսկ մի շրշյուն։ Ծարավի ծովը անթափանց էր ինչպես ձայների, նույնպես և ռադիոալիքների համար։
― «Զոհվեցին», ― մտովի եզրակացրեց գլխավորը, ― վերջ։ Մի քիչ էլ որ դիմանային, կփրկեինք։ Չստացվեց։ Ընդամենը մի ժամ էլ չքաշե՛ց»։
Ի՞նչ կարող էր պատահել։ Գուցե նավիրա՞նը չդիմացավ փոշու ճմշմանը։ Հազիվ թե։ Ներքին ճմշումը բավականին մեծ էր, որպեսզի դիմադրեր դրսի ծանրաբեռնվածությանը։ Ուրեմն նոր իջեցում է տեղի ունեցել։ Կարծես, նա նույնիսկ թեթևակի ցնցում զգաց։ Գլխավոր ինժեները սկզբից ևեթ վախենում էր նոր փլուզումից՝ բայց չգիտեր, ինչպես կանխել սպառնալիքը։ Նրանք ռիսկի դիմեցին՝ և «Սելենը» տանուլ տվեց․․․
«Սելենը» հենց որ տեղաշարժվեց, Պաթ Հարրիսոնը իսկույն զգաց, որ իջեցումը ամենևին նման չէ առաջին փլուզմանը։ Այն տեղի էր ունենում շատ ավելի դանդաղ, դրսում ինչ֊որ մի բան ճռռում էր, ու ձայներ էին լսվում։ Նույնիսկ մի այդպիսի հուսակտուր ժամանակ Պաթը չկարողացավ չզարմանալ, ինչպե՞ս կարող էր փոշին նման ձայներ արձակել․․․
Խողովակները դուրս էին գալիս, դուրս էին գալիս ցնցահարումներով, որովհետև նավախելը ընկղմվում էր ավելի արագ, և փոշեգնացը նկատելիորեն թեքվել էր։ Ջլապակին ճայթեց, ու ետևի խողովակը, որ անցման խցիկի կողմում էր, դուրս եկավ անցքից։ Եվ անմիջապես փոշին չռռաց ցած ու կախվեց օդում ամպի ձևով։
Կոմոդոր Հանստենը բոլորից մոտ էր կանգնած անցքին և առաջինը մոտ վազեց։ Շապիկը վրայից հանելով, նա վայրկենապես գունդ դարձրեց ու խրեց բացված անցքը։ Փոշին չէր դադարում, թափվում էր ճեղքերից, բայց կոմոդորն էլ չէր զիջում։ Նա այն է հա փոշու հախից գալիս էր, երբ դուրս պրծավ առաջնամասի խողովակը։ Հիմնական լուսավորությունը հանգավ՝ նորից կաբելը կտրվեց․․․
― Ես այստեղ յոլա կտանե՜մ, ― բղավեց Պաթը։
Նա ևս հանեց շապիկը և մենամարտի բռնվեց լուսնափոշու հետ։
Պաթ Հարրիսը տասնյակ անգամ եղել էր Ծարավի ծովում, սակայն դեռ երբեք առիթ չէր ունեցել շոշափել այն։ Գորշ փոշին մտնում էր քիթը, թափում աչքերը, խեղդում ու քոռացնում նավապետին։ Ու թեև այն չոր էր, ինչպես փարավոնի դամբարանից հանված աճյունը (նույնիսկ շատ ավելի չոր, չէ որ Ծովը միլիոն անգամ ավելի հին է ուզածդ բուրգից), շոշափելիս լուսնային փոշին օճառի նման լպրծուն էր։ Պաթը զգաց, որ ինքը մտածում է այն մասին, թե կենդանի֊կենդանի թաղվելը, հավանաբար, ավելի վատ է, քան խեղդվելը․․․ Բայց ահա փոշին գնալով բարակեց, ու նա հասկացավ, որ այս անգամ խույս տվեց դառը ճակատագրից։ Լուսնային թույլ ձգողականության շնորհիվ տասնհինգմետրանոց փոշեսյունը այնքան էլ ուժեղ չէր ճնշում։ Ասենք, եթե առաստաղի անցքերը ավելի լայն լինեին, դեռևս հայտնի չէ, թե ինչով կվերջանար այդ ամենը։
Գլխից և ուսերից փոշին թափ տալով, Պաթը զգուշորեն աչքերը բացեց։ Ոչինչ, տեսողությունը տեղում է։ Դեռ լավ է, որ վթարային լուսավորությունը չխափանվեց։ Շատ էլ պայծառ լույս չէ, բայց չեղածից լավ է։ Կոմոդորը ուժեղ խցկել էր անցքը և այժմ հանգիստ թղթե բաժակից ջուր էր ցանում փոշին նստեցնելու համար։ Հնարը շատ ազդու էր, ու գորշ ամպերը արագորեն ցեխաջուր դարձան։
Գլուխը բարձրացնելով, Հանստենը նկատեց Պաթի հայացքը։
― Դե, նավապետ, ― ասաց նա, ― ի՞նչ կարծիքի եք։
Օլիմպիական սառնասրտությո՜ւն։ Այդ սառնարյունությունը կարող է համբերությունից հանել մարդուն, մտածեց Պաթը։ Թեկուզ մի անգամ կոմոդորին տեսներ շփոթված։ Հիմար բան է, նրա մեջ նախանձը, նույնիսկ խանդն է խոսում, որ միանգամայն հասկանալի է, բայց անարժան Պաթին։ Նա ամոթանք տվեց իրեն։
― Պատկերացում չունեմ, թե ինչ է պատահել, ― պատասխանեց նա։ ― Գուցե վերևի՞ց կասեն մեզ։
Փոշեգնացը թեքվել էր երեսուն աստիճանի տակ, և վարորդի տեղը գնալու համար պետք էր բարձրանալ դեպի վեր։ Ռադիոկայանի առջև նստած, Պաթը հանկարծ մի բութ հուսաբեկություն զգաց, ինչպիսին չէր զգացել ճակատագրական փլուզումից ի վեր։ Մի այնպիսի զգացում, ասես բոլոր աստվածները երես էին դարձրել իրենցից ու այլևս պայքարելը իմաստ չուներ։
Նա վերջնականապես դրանում համոզվեց, երբ փորձեց միացնել ռադիոկայանը և նկատեց, որ այն չի աշխատում։ Հոսանք չկա, չարաբաստիկ խողովակը իր գործը տեսել էր․․․
Պաթը դանդաղ շրջվեց տեղում։ Քսանմեկ հոգի հարցախույզ հայացքով նայում էին նավապետին, թե ի՞նչ կասի նա։ Նրանցից քսանն այժմ գոյություն չունեին նրա համար։ Պաթը միայն Սյուին էր տեսնում, նրա աչքերը։ Մտահոգ, լարված հայացք, և նույնիսկ այժմ աներկյուղ։ Ու վհատությունն անցավ, նրան դուրս մղեց ուժի ու հույսի հոսանքը։
― Ազնիվ խոսք, չգիտեմ, թե ինչ է պատահել, ― ասաց նա։ ― Սակայն մի բանում ես վստահ եմ․ մենք դեռ կորած չենք, մինչ այդ դեռ շատ կա, հարյուր լուսատարի։ Նույնիսկ եթե, մի փոքր ընկղմվենք, սարսափելի ոչինչ չկա, վերևում աշխատող մեր ընկերները շուտով կգտնեն մեզ նորից։ Մի փոքր ձգձգում, և ուրիշ ոչինչ։ Անհանգստանալու հարկ չկա։
― Չկարծեք, որ ես խուճապահար եմ, նավապետ, ― ասաց Բարրետը, ― բայց եթե տախտակամածն էլ է խորտակվե՞լ։ Ի՞նչ կլինի այն ժամանակ։
― Այդ մենք կստուգենք, հենց որ կարգի բերեմ ռադիոկապը, ― պատասխանեց Պաթը, մռայլորեն նայելով ոտքերի տակ քարշ եկող լարերին։ ― Եվ մինչև ես գլուխ կհանեմ այս վերմիշելից, ստիպված պետք է լինենք յոլա գնալ վթարային լուսավորությամբ։
― Ես չեմ առարկում, ― նկատեց միսսիս Շաստերը։ ― Իմ կարծիքով, այսպես վատ չէ։
«Շնորհակալ եմ քեզնից, բարի մարդ», ― մտովի ասաց Պաթը։ Նա մի արագ հայացք նետեց մյուսների վրա։ Այդ լույսի տակ դժվար էր տեսնել դեմքերի արտահայտությունը, բայց կարծես բոլորը հանգիստ էին․․․
Հանգստությունը տևեց ուղիղ մեկ րոպե, ― ավելին չպահանջվեց համոզվելու համար․ ո՛չ ռադիոն, ո՛չ լույսը վերանորոգել չի լինի։ Լարերը դուրս են պրծել պաշտպանական խողովակից, իսկ անհրաժեշտ գործիքներ չկային։
― Սա արդեն շատ վատ է, ― եզրակացրեց Պաթը։ ― Մենք ոչինչ չենք կարող նրանց ասել, մինչև վերևից միկրոֆոն չիջեցնեն մեզ մոտ։
― Իսկ դա նշանակում է, ― միջամտեց Բարրետը, որը ակներևաբար հակված էր նկատելու միայն ամենամռայլ կողմերը, ― որ նրանք չեն կարող հաղորդակցվել մեզ հետ։ Կտարակուսեն, թե մենք զոհվել ենք ու կդադարեցնեն որոնումները․․․
Այդ միտքն արդեն ծագել էր Պաթի գլխում, բայց նա իսկույն քշեց այն։
― Դուք լսեցիք գլխավոր ինժեներ Լոուրենսին, ― ասաց նա։ ― Գլխավորը այնպիսի մեկը չէ, որ զիջի, եթե ամենադույզն իսկ հույսը դեռ կա։ Դրանում կարող եք հանգիստ լինել։
― Ի՞նչ վիճակում է օդը, ― մտահոգված հարցրեց պրոֆեսոր Ջայավարդենը։ ― Չէ՞ որ մենք նորից մնացել ենք սեփական պաշարների հույսին։
― Մաքրիչներն արդեն աշխատում են, այնպես որ հիմա այն երկար ժամանակ կբավարարի, ― պատասխանեց Պաթը։ ― Եվ բացի այդ, շուտով խողովակները վերստին կիջեցնեն։ Նա հուսով էր, որ ձայնը բավականին վստահ է հնչում։ ― Համբերությամբ զինվենք և մի զբաղմունք ստեղծենք մեզ համար։ Երեք օր դիմացել ենք, մի կերպ մի քանի ժամ էլ կդիամանանք։
Նա նայեց առջևում նստածներին, իմանալու համար կա՞ն արդյոք չհամաձայնվողներ։ Եվ տեսավ, որ ուղևորներից մեկը հանգիստ ոտքի է ելնում։ Չխոսկան, նիհար միստր Ռեդլին էր, որը ճանապարհորդության ընթացքում մի տասը խոսք ասած էլ չէր լինի։
Պաթը առաջվա նման գիտեր այնքանը միայն, որ նա հաշվապահ է, ծնված Նոր Զելանդիայում, Երկրագնդի միակ երկրում, որը իր աշխարհագրական դիրքի պատճառով ինչ֊որ չափով դեռևս մեկուսի էր մնացել։ Հասկանալի է, այնտեղ ընկնելը նույնքան հեշտ է, ինչքան Երկրագնդի ուզածդ կետը, բայց Նոր Զելանդիան՝ վերջին կայանն է, և ոչ թե միջակա կանգառ մեծ մայրուղու վրա։ Ու նորզելանդացիները շարունակում էին հպարտությամբ պահպանել իրենց անհատականությունը։ Հիմքից զուր չէր նրանց այն պնդումը, որ Բրիտանական կղզիները Ատլանտյան համագործակցությանը կուլ գնալուց հետո կարողացել են փրկել անգլիական մշակույթի մնացորդները։
― Դուք ինչ֊որ բա՞ն էիք ուզում ասել, միստր Ռեդլի, ― հարցրեց Պաթը։
Ռեդլին իր շուրջը նայեց ուսուցչի հայացքով, որը պատրաստվում է դիմել դասարանին։
― Այո, նավապետ, ― սկսեց նա, ― ես պետք է խոստովանություն անեմ։ Վախենում եմ, այս ամենի մեջ, որ մեզ հետ պատահել է, ես եմ մեղավոր։
Երբ գլխավոր ինժեներ Լոուրենսը ընդհատեց իր ռեպորտաժը, ընդամենը երկու վայրկյան պահանջվեց, որպեսզի Երկրում հայտնի դառնար նոր աղետի մասին․ մինչև Մարս ու Վեներա լուրը հասավ մի քանի րոպե անց։ Բայց թե ի՞նչ էր պատահել։ Հեռուստացույցի էկրանի պատկերներից ոչինչ չէր կարելի հասկանալ․․․ Սկզբում տախտակամածի վրա մարդիկ դեսուդեն ընկան, խառնվեցին, ապա իրարանցումը ոնց որ վերջ գտավ, ու սկաֆանդրերով մարդիկ իրար գլխի հավաքվեցին։ Հավանաբար, խորհրդակցում էին։ Սակայն միայն ներքին կապն էր գործում, և հեռուստադիտողները ոչինչ չէին լսում։ Սարսափելի էր դիտել այդ համր խոսակցությունը, չիմանալով, թե ինչի մասին է խոսքը։
Մինչ ձգվում էին անհայտության երկար ու տանջալից րոպեները, և ստուդիան փորձում էր պարզել, թե բանն ինչումն է, Ժյուլ Բրակը աշխատում էր լավ կադր ընտրել․ ամենևին էլ հեշտ գործ չէ, երբ բեմը կայուն է, իսկ դու կառչած ես մի, թեկուզ ամենահաջող կետի։ Ինչպես և բոլոր օպերատորները, Ժյուլը չէր սիրում տեղում կանգնել։ Նման կաշկանդվածությունը ջղայնացնում էր նրան։ Նա նույնիսկ հարցրեց, չի՞ կարելի արդյոք մի այլ տեղ թռչել, ու լսեց նավապետ Անսոնի պատասխանը․
― Ոնց չէ, պիտի սկսեմ դեսուդեն ցատկոտել այս լեռներում։ Սա տիեզերանավ է, այլ ոչ թե․․․ քարայծ։
Շրջապատկեր և հանկարծակի մոտեցում՝ ահա այն բոլոր հնարները, որոնցից կարող էր օգտվել Ժյուլը, այն էլ չափավոր․ ոչինչ այնպես չի զայրացնում դիտողին, ինչպես սրընթաց հետ֊առաջ ցատկերը տիեզերքում կամ արագ խռնումը, երբ պատկերը, ասես, պայթում է ուղիղ քթիդ առաջ։ Տրանսֆոկատորը Ժյուլին թույլ էր տալիս Լուսնի վրա «սուրալ» ժամում հիսուն հազար կիլոմետր արագությամբ։ Այդպիսի վազքից մարդու սիրտ կխառներ․․․
Վերջապես համր թռուցիկ ժողովն ավարտվեց, փրկարարները անջատեցին հեռախոսները։ Լոուրենսը թերևս հիմա պատասխանի այն ռադիոկանչին, որոնք նրա գլխին էին թափվում վերջին հինգ րոպեում։
― Տեր աստված, ― բացականչեց Սպենսերը։ ― Դուք տեսնո՞ւմ եք։ Սա ի՞նչ բան է։
― Տեսնում եմ, ― պատասխանեց նավապետ Անսոնը։ ― Կարծես նրանք գնում են․․․
Փոշեսահնակները մարդկանցով հեռու էին փախչում տախտակամածից, ինչպես խորտակվող նավից։
Գլուխ քսանվեցերորդ
Թերևս լավ եղավ, որ «Սելենի» հետ կապն ընդհատվեց, այլապես հազիվ թե ուղևորներին քաջալերեր այն լուրը, որ փոշեսահնակները նահանջեցին։ Ասենք, այդ պահին փոշեգնացում չէին մտածում փրկարարների մասին՝ բոլորի ուշադրությունը գրավել էր Ռեդլիի անսպասելի երևալը աղոտ լուսավորված բեմում։
― Ինչպե՞ս դա հասկանալ, թե դուք եք մեղավոր ամեն ինչում, ― լարված լռությունը խախտեց Պաթը, առայժմ դեռ միայն լարված, առանց որևէ թշնամության, քանի որ ոչ ոք լուրջ չընդունեց նորզելանդացու ասածը։
― Դա երկար պատմություն է, նավապետ։ ― Ռեդլին խոսում էր միանգամայն անվրդով, բայց նրա ձայնի մեջ ինչ֊որ տարօրինակ կերկերանք կար, որը անհասկանալի էր Պաթի համար։ Թվում էր, թե նրանք լսում են ռոբոտի խոսակցությունը․ Պաթի մարմնով սարսուռ անցավ։
― Ես չեմ ուզում ասել, որ դիտավորյալ կերպով եմ աղետի պատճառ դարձել, ― շարունակեց Ռեդլին։ ― Բայց վախենում եմ, թե այն պատահական չէ, ու ես շատ եմ ցավում, որ ձեզ գցել եմ այդ պատմության մեջ։ Հասկանում եք, նրանք ինձ հետապնդում են։
«Միայն սա էր պակաս, ― մտածեց Պաթը։ ― Ամեն, ամեն ինչ թարսվել է։ Մեր այս փոքրիկ խմբում կա հիստերիկ պառաված օրիորդ, կա թմրամոլ, հիմա էլ այս խելագարը մեջ ընկավ։ Էլ ի՞նչ ասես, որ չենք տեսնելու մինչև վերջներս գա»։
Սակայն իսկույն նա ինքն իրեն ասաց, որ արդարացի չէ։ Ճիշտն ասած, նրա բախտը բերել է։ Մի կողմից՝ Ռեդլի, միսս Մոռլի և Հանս Բալդուր (ի դեպ, Բալդուրը այն միակ դեպքից հետո, որի մասին ոչ ոք չէր հիշեցնում, իրեն անթերի էր պահում), բայց մյուս կողմից՝ կոմոդորը, դոկտոր Մըքենզին, Շաստեր ամուսինները, փոքրիկ պրոֆեսոր Ջայավարդենը, Դեվիդ Բարրետը։ Ասենք մնացածները, նույնպես դեռ անմռունչ կատարում են նավապետի կարգադրությունները։ Պաթը հանկարծ բարի զգացմունքներով, քնքշությամբ համակվեց դեպի այդ մարդիկ՝ նրանց գործունյա կամ անգործունյա աջակցության համար։
Հատկապես դեպի Սյուն, որը այս անգամ էլ իրենից շուտ գլխի ընկավ։ Իր խցիկում, նավախելում նա ամենայն անբռնազբոսիկությամբ, կարծես ի միջի այլոց, աննկատելի՝ համենայն դեպս Ռեդլիի համար, դեղարկղիկից հանեց քնաբեր ամպուլան։ Եթե որևէ օյին սարքի, ինքը միջոցներ կձեռնարկի։
Սակայն դեռևս Ռեդլիի վարմունքի մեջ սպառնալից ոչինչ չկար։ Նա միանգամայն տիրապետում էր իրեն, խոսում էր հասկանալի ու կշռադատելով՝ ոչ աչքերի խելահեղ փայլ, ոչ աննորմալության որևէ այլ արտաքին նշան։ Մի սովորական, հասակն առած նորզելանդացի հաշվապահ, որն իր արձակուրդն անց է կացնում Լուսնի վրա։
― Դա շատ հետաքրքիր է, միստր Ռեդլի, ― ասաց կոմոդոր Հանստենը խաղաղ ձայնով, ― բայց դե դուք ներեք մեզ մեր տգիտության համար։ Ովքե՞ր են այդ «նրանք», և ինչո՞ւ են ձեզ հետապնդում։
― Դուք, իհարկե, լսել եք, կոմոդոր, թռչող պնակների մասին։
― Թռչող․․․ ինչի՞, ― զարմացավ Պաթը։
Երևում էր, որ Հանստենը շատ ավելի լավատեղյակ էր։
― Այո, լսել եմ, ― պատասխանեց նա, իսկույն ձանձրույթ զգալով։ ― Կարդացել եմ տիեզերագնացության վերաբերյալ հին գրքերում։ Կարծեմ, մի ութսուն տարի առաջ դրանց շուրջը մի իսկական մասսայական պսիխոզ էր սկսվել (Ա՛հ, տեղին չօգտագործեց «պսիխոզ» բառը․․․ փա՜ռք աստծոմ Ռեդլին չնեղացավ)։
― Օ՜, ― առարկեց նա, ― նրանք շատ ավելի շուտ են երևան եկել։ Բայց միայն անցյալ դարում մարդիկ ուշադրություն դարձրին դրանց վրա։ Կա մի հին ձեռագիր, դեռևս հազար երկու հարյուր իննսուն թվականին անգլիական մի աբբահայր մանրամասն նկարագրել է թռչող պնակը։ Առաջներում նույնպես նկատել են այն։ Մինչև քսաներորդ դարը նշված է ավելի քան տասը հազար դեպք։
― Մի րոպե, ― միջամտեց Պաթը։ ― Ի՞նչ է նշանակում «թռչող պնակ»։ Ես ոչինչ չեմ հասկանում։
― Վախենում եմ, որ ձեր կրթության մեջ բաց տեղեր կան, նավապետ, ― կարեկցանքով ասաց Ռեդլին։ ― «Թռչող պնակ» տերմինը լայնորեն տարածվեց սկսած հազար ինը հարյուր քառասունյոթ թվականից։ Այդպես կոչեցին տարօրինակ, շատ հաճախ ձվաձև ապարատները, որոնք արդեն բազում հարյուրամյակներ հետազոտում են մեր մոլորակը։ Ոմանք գերադասում են ասել «չճանաչված թռչող առարկաներ»։
Պաթը ինչ֊որ բան հիշեց։ Հիրավի նա լսել էր այդ տերմինը արտամոլորակային հիպոթեզների առնչությամբ։ Բայց ոչ մի ապացույց չկա, որ այլ աշխարհներից տիեզերանավեր ժամանած լինեն մեր արեգակնային համակարգություն։
― Դուք իսկապես հավատո՞ւմ եք, ― թերահավատորեն հարցրեց ուղևորներից ինչ֊որ մեկը, ― որ Երկրի շուրջը թրև են գալիս տիեզերքից եկած հյուրեր։
― Ավելին, ― պատասխանեց Ռեդլին։ ― Նրանք հաճախ իջել և կոնտակների մեջ են մտել մարդկանց հետ։ Մինչև մարդու երևալը Լուսնի վրա, նրանք խարսխակայան են ունեցել Ֆարսայդում, բայց նրանք այն ոչնչացրել են, հենց որ տեղագրական առաջին հրթիռները սկսեցին խոշոր մասշտաբի լուսանկարներ անել։
― Որտեղի՞ց գիտեք դուք այդ ամենը, ― զարմացավ ուղևորներից մեկը։
Բայց լսարանի թերահավատությունը ամենևին չէր շփոթեցնում Ռեդլիին․ նա, հավանաբար, վաղուց էր ընտելացել դրան։ Նորզելանդացին ուսումնասիրել էր համոզվածությունը, որը (որքան քիչ հիմնավոր լիներ) ակամա անցնում էր մյուսներին։ Նա իրեն հիանալի էր զգում այն արտասովոր երևակայական աշխարհում, դեպի որը նրան մղում էր խելացնորությունը։
― Մենք․․․ կոնտակտ հաստատեցինք նրանց հետ, ― հաղթականորեն ասաց նա։ ― Մի քանի հոգի կարողացան հեռազգացական կապ հաստատել թռչող պնակների անձնակազմերի հետ։ Եվ մենք արդեն բավական բան գիտենք նրանց մասին։
― Իսկ մյուս մարդի՞կ, ― խոսեց ևս մի թերահավատ։ ― Եթե իսկապես Երկրի շուրջը թռչում են պնակներ, ինչո՞ւ դրանց չեն տեսել ո՛չ աստղագետները, ո՛չ տիեզերագնացները։
― Բանն էլ հենց այն է, որ տեսել են, ― պատասխանեց Ռեդլին, ներողամտաբար ժպտալով։ ― Տեսել են, բայց ոչ ոքի չեն ասում։ Գիտնականները լռության դավադրության ուխտ են արել, նրանք չեն ուզում ընդունել, որ տիեզերքում մեզանից շատ ավելի խելացի էակներ կան։ Ու երբ օդաչուն զեկուցում է, որ տեսել է պնակ, նրան ծիծաղի առարկա են դարձնում։ Հասկանալի է, որ տիեզերագնացները գերադասում են լռել իրենց տեսածի մասին։
― Իսկ դուք, կոմոդոր, չե՞ք պատահել դրանց, ― հարցրեց միսսիս Շաստերը, որը բացահայտորեն հակված էր հավատալու նորզելանդացուն։ ― Թե՞ դուք նույնպես մասնակցում եք այդ, ինչպես միստր Ռեդլին անվանեց, լռության դավադրությանը։
― Ցավոք սրտի, պետք է ձեզ վշտացնեմ, ― ասաց Հանստենը։ ― Դուք կարող եք ինձ չհավատալ, բայց երբևիցե ինձ հանդիպած բոլոր տիեզերանավերը Լլոյդի գրանցման մատյանում կան։
Նա որսաց Պաթի հայացքը և թեթևակի գլխով արեց, կարծես ասելով․ «Գնանք, խորհրդակցենք օդասահանքի խցիկում»։ Այժմ, երբ պարզվեց, որ Ռեդլին անվնաս է, Հանստենը նույնիսկ ուրախ էր կատարվածի համար, որը այդպիսի արագությամբ ուղևորների ուշադրությունը շեղեց նոր բարդություններից։ Եթե փոքրիկ հաշվապահի զառանցագին հերյուրանքը զբաղեցնում է նրանց, թող շարունակի։
― Դե, Պաթ, ― ասաց կոմոդորը, հենց որ դուռը բաժանեց նրանց աշխուժորեն վիճաբանող ուղևորներից, ― ի՞նչ կարծիքի եք նրա մասին։
― Մի՞թե հավատում է այդ անհեթեթությանը։
― Բանն էլ հենց նրանում է, որ հավատում է։ Ես արդեն հանդիպել եմ նման մարդկանց։
Հանստենը բավականին ծանոթ էր այդ տարօրինակ պսիխոզին, որը համակել էր Ռեդլիին․ իզուր չէ, որ նա տիեզերաբանությամբ հրապուրվեց դեռ քսաներորդ դարում։ Երիտասարդ ժամանակ կոմոդորը նույնիսկ մի քանի ինքնօրինակ գրոտումներ է կարդացել այդ մասին․ դա մի այնպիսի անամոթ խաբեություն կամ երեխայական պարզամտություն էր, որ մի պահ նա նույնիսկ կասկածեց, թե արդյոք մարդը բանակա՞ն էակ է։ Զայրույթ էր պատճառում միայն հենց այն միտքը, որ նման գրականությունը կարող է այդպիսի անզուսպ հաջողություն ունենալ։ Ճիշտ է, այդպիսի գրքերի մեծ մասը լույս են տեսել «Խելահեղ հիսնական» թվականներին, որոնք պսիխոզի տարիներ էին։
― Չափազանց անհեթեթ կացություն է, ― գանգատվեց Պաթը։ ― Մի այսպիսի ժամանակ բոլոր ուղևորները վիճաբանում են թռչող պնակների շուրջ։
― Իսկ ես կարծում եմ, դա հիանալի է, ― պատասխանեց կոմոդորը։ ― Ինչո՞վ այլևս զբաղվեն, ի՞նչ եք առաջարկում։ Ուղղակի ասենք, չէ որ մեզ մնում է միայն նստել ու սպասել, մինչև Լոուրենսը նորից տանիքը կթակի։
― Եթե միայն նա այնտեղ է։ Բարրետը ճիշտ է ասում, տախտակամածը կարող էր խորտակվել։
― Հազիվ թե․․․ Ցնցումը շատ թույլ էր։ Ի՞նչ եք կարծում, ինչքա՞ն ենք իջել։
Հանստենի հարցը Պաթին մտածել տվեց։ Այժմ նրան թվում էր, որ նրանք երկար ժամանակ էին իջնում։ Կիսախավար, մենամարտ փոշու հետ՝ այս ամենը խանգարեցին ժամանակի զգացումը, և նա կարող էր միայն կռահել։
― Ասենք, մի տասը մետր․․․
― Հիմարությո՛ւն։ Դա տևեց ընդամենը մի քանի վայրկյան։ Երկու֊երեք մետր, ոչ ավելի։
«Գոնե ճիշտ լիներ կոմոդորը, ― մտածեց Պաթը։ Նա գիտեր, թե ինչքան դժվար է դատել փոքրիկ արագությունների մասին, մանավանդ երբ ուշադրությունդ բթացած է։ «Սելենում» գտնվողներից միայն Հանստենն ունի անհրաժեշտ փորձառություն։ Պետք է մտածել, նրա գնահատությունը ճիշտ է։ Եվ, համենայն դեպս, այն հուսադրող է։
― Վերևում, հավանաբար, ոչինչ էլ չզգացին, ― շարունակեց Հանստենը։ ― Եվ հիմա զարմանում են, թե ինչու չեն կարողանում շոշափել մեզ։ Դուք վստա՞հ եք, որ մենք ի վիճակի չենք վերականգնել ռադիոկապը։
― Վստահ եմ։ Բախշման տուփը ամբողջությամբ՝ կաբելի մի մասի հետ պոկվել է։ Խցիկից անհնար է այնտեղ հասնելը։
― Ըմ․․․ հա՜, ոչինչ չես անի։ Լավ, գնանք, թող Ռեդլին փորձի մեզ դավանափոխ անել, եթե կարող է։
Ժյուլը մի հարյուր մետր օբյեկտիվով ուղեկցում էր փոշեսահնակները, մինչև կնկատեր, որ նրանք ավելի քիչ մարդ են տանում, քան բերել էին։ Յոթ հոգի, բայց եկել էր ութը։
Նա անմիջապես օբյեկտիվը ետ տվեց ու շնորհիվ երջանիկ պատահականության, թե այն խորաթափանցության, որն աչքի ընկնող օպերատորին զանազանում էր շարքայինից, տախտակամածը բռնեց ճիշտ այն պահին, երբ Լոուրենսը խախտեց իր լռությունը։
― Խոսում է Ըրթսայդի գլխավոր ինժեները։ ― Նրա հոգնած ու անտրամադիր ձայնը հիշեցնում էր մի մարդու, որի լավ մշակված պլանները հանկարծ խորտակվել են։ ― Խնդրում եմ, ներեք ընդհատման համար, բայց, ինչպես դուք հավանաբար կռահեցիք, մեզ մոտ վթար է պատահել։ Ըստ երևույթին նոր իջեցում։ Քանի մետր՝ հայտնի չէ։ Մենք կորցրել ենք «Սելենը», ու նա չի պատասխանում մեր կանչերին։ Ես իմ մարդկանց կարգադրել եմ մի քանի հարյուր մետր հեռանալ։ Հազիվ թե մեզ վտանգ սպառնա, բայց ավելի լավ է ռիսկի չդիմել։ Առայժմ ես այստեղ մենակ էլ յոլա կտանեմ։ Ինձ նորից լսեք մի քանի րոպե հետո։
Միլիոնավոր հեռուստադիտողներ տեսան, թե ինչպես Լոուրենսը, տախտակամածի ծայրին պպզած, հավաքում է զննաձողը, որի օգնությամբ առաջին անգամ հայտնաբերեց փոշեգնացը։ Քսան մետր։ Եթե նավը ավելի խորն է գնացել, էլի մի բան պետք է հնարել։
Ահա զննաձողը մտնում է փոշու մեջ։ Ինչքան մոտենում է այն խորությանը, որտեղ նախկինում գտնվում էր «Սելենը», այնքան դանդաղում է։ Ծածկվեց 15 նիշը՝ տասնհինգ մետր։ Զննաձողը տեգի նման խրվում էր Լուսնի սիրտը։ «Ինչքա՞ն կա դեռ», ― սկաֆանդրի լռության մեջ շշնջաց Լոուրենսը։
Պատասխանը շշմեցրեց նրան։ Եթե կացությունը այդքան լուրջ չլիներ՝ նա պարզապես կծիծաղեր․ նիշից հետո զննաձողը ընդամենը մետրուկես խորացավ։ Բայց արի ու տես, որ «Սելենը» անհավասարաչափ է իջել, որը շատ ավելի վատ է։ Ստուգումը ցույց տվեց, որ նավախելը ավելի խորն է, քան քիթը, թեքությունը՝ երեսուն աստիճան։ Սակայն դա բավական էր, որպեսզի Լոուրենսի պլանները ձախողվեին․ չէ որ նա հույս ուներ, որ կեսսոնը առանց արանքների քիփ կնստեր հորիզոնական տանիքին։
Ինչևիցե, այժմ Լոուրենսին առաջին հերթին այլ բան էր մտահոգում։ Փոշեգնացի ռադիոն լուռ է (լավ է, եթե պատճառը միայն սնուցման անսարքությունը լինի) ― ինչպես իմանալ, արդյոք կենդանի՞ են մարդիկ։ Նրանք կլսեն, իհարկե, զննաձողի դիպչելը, բայց իրենք ոչինչ չեն կարող հաղորդել վերև․․․
Ինչպե՞ս թե չեն կարող․ կա շատ հեշտ ու հասարակ մի եղանակ, այնքան հասարակ, որ նույնիսկ էլեկտրոնիկայի հարյուր հիսուն տարվա տիրապետությունից հետո մտահան չեն անում։
Լոուրենսը ձգվեց տեղում և կապվեց փոշեսահնակների հետ։
― Կարող եք վերադառնալ, ― ասաց նա։ ― Ոչ մի վտանգ չկա։ Փոշեգնացը ընդամենը մի երկու մետր է իջել։
Գլխավոր ինժեներն արդեն մոռացել էր, որ իրեն հետևում են միլիոնավոր աչքեր։ Դեռ նոր գործողությունների պլան պետք էր մշակել, բայց առաջին քայլն արդեն պարզ էր նրան։
Գլուխ քսանյոթերորդ
Երբ Պաթն ու կոմոդորը խուց վերադարձան, այնտեղ դեռ վիճում էին ամբողջ թափով։ Մինչև հիմա սակավախոս Ռեդլին առանց ժամանակ կորցնելու՝ բաց թողածի տեղը հանում էր։ Ասես մեկը սեղմել էր նրա գաղտնի կոճակը, կամ հանկարծ հաշվապահին ազատել էին լռության ուխտից։ Թերևս, դա այդպես էլ էր․ որոշելով, որ իր առաքելությունը միևնույն է հայտնի դարձավ, Ռեդլին շատ ուրախ էր, որ կարող է պատմել այդ մասին։
Նման սնահավատների կոմոդոր Հանստենը շատ էր հանդիպել․ ասենք, հենց ինքնապաշտպանության համար էլ նա հարկադրված էր եղել հաղթահարելու թռչող պնակների վերաբերյալ եղած հսկայական գրականությունը։ Ամեն անգամ սկսվում էր միատեսակ, հետևյալ հարցով․ «Կոմոդոր, դուք, տիեզերքում անցկացրած տարիների ընթացքում, հավանաբար, անսովոր քիչ բան չեք տեսել»։ Պատասխանը, հասկանալի է, չէր գոհացնում զրուցակցին, ու հաջորդում էր քողարկված, իսկ երբեմն էլ ոչ այնքան քողարկված ակնարկը՝ թե իբր Հանստենը խուսափում է ճիշտն ասելուց։ Ապարդյուն աշխատանք կլիներ այդ մեղադրանքը հերքելը․ ուղղադավանը պարզապես եզրակացնում էր, որ կոմոդորը մասնակցում է դավադրությանը։
Մնացած ուղևորները դառը փորձ չունեին, ու Ռեդլին հեշտությամբ ջրում էր նրանց փաստարկները։ Նույնիսկ Շաստերին, իր ամբողջ իրավագիտական հմտությամբ հանդերձ, ոչ մի կերպ չէր հաջողվում փոքրիկ հաշվապահին պատին դեմ տալ․ նույն հաջողությամբ նա կարող էր շիզոֆրենիկին հավատացնել, որ նրան ոչ ոք չի հետապնդում։
― Բայց մի՞թե ճշմարտանման բան է, ― պնդում էր Շաստերը, ― որ այդ մասին իմացող հազարավոր գիտնականներից և ոչ մեկը բերնից չթռցնի։ Այդպիսի գաղտնիքը պահելն անհնար է։ Միևնույն է, թե փորձես թաքցնել Վաշինգտոնի հուշարձանը։
― Իսկ չէ՞ որ ճշմարտությունը բացահայտելու փորձեր եղել են, ― պատասխանեց Ռեդլին։ ― Սակայն վկայությունները ինչ֊որ խորհրդավոր միջոցներով ոչնչացվում էին, ― ինչպես և մադիկ, որոնք ցանկանում էին թափանցել գաղտնիքի մեջ։ Նրանք, երբ հարկն է, ոչինչի առաջ կանգ չեն առնում։
― Չէ որ դուք ասացիք, թե նրանք կոնտակտի մեջ են մտնում մարդկանց հետ։ Ինչ֊որ հակասություն է ստացվում։
― Ամենևին էլ ոչ։ Հասկացեք, ինչպես տիեզերքում, նույնպես և Երկրի վրա միմյանց դեմ մարտնչում են բարի և չար ուժերը։ Ոմանք ուզում են օգնել մեզ, մյուսները՝ ստրկացնել։ Այս երկու խմբավորումների կռիվը հազարավոր տարիներ ի վեր շարունակվում է։ Երբեմն այդ պայքարի մեջ ընդգրկվում է նաև Երկիրը, այդպես կործանվեց Ատլանտիդան։
Հանստենը ակամա ժպտաց։ Ամեն ինչ ճիշտ է, ահա և Ատլանտիդան մեջ ընկավ, ուրիշները վկայակոչում են Լեմուրիան կամ Մուն, անուններ, որոնք խիստ ազդում են անհավասարակշիռ, միստիկայի հակումներով մարդկանց վրա։
Եթե հիշողությունը իրեն չի դավաճանում, մի խումբ հոգեբաններ դեռևս յոթանասունական թվականներին մանրակրկիտ կերպով ուսումնասիրեցին «թռչող պնակների» հարցը։ Նրանք եկան այն եզրակացության, որ քսաներորդ դարի կեսերին բազմաթիվ մարդիկ հաստատապես հավատում էին աշխարհի մոտակա կործանմանը։ Մնում էր միայն հույս դնել տիեզերքից եկող միջամտության վրա․ կորցնելով հավատն իր նկատմամբ, մարդը փրկություն էր սպասում երկնքից։
Գրեթե տասը տարի այդ «պնակային» կրոնը տիրապետում էր մարդկության խելքը թռցրած մասի մտքերին, հետո հանկարծակի հյուծվեց֊գնաց, ինչպես իր գործը տեսած համաճարակը։ Հոգեբանների կարծիքով հարցը երկու հանգամանք լուծեց․ նախ, բոլորին ձանձրացրեց այդ ցնորքը, երկրորդ, Միջազգային գեոֆիզիկական տարին ազդարարեց մարդու մուտքը տիեզերք։
ՄԳՏ֊ն տևեց տասնութ ամիս, ու այդ ժամանակամիջոցում երկնային ոլորտը հետախուզեցին ու հետազոտեցին շատ ավելի սարքեր և փորձված ուսումնասիրողներ, քան նախորդած բոլոր հազարամյակների ընթացքում։ Եթե արտամոլորակային բարձրունքներում իսկապես երկնային հյուրեր ճախրեին, գիտնականների համատեղ ջանքերը անխուսափելիորեն կհաստատեին այդ բանը։ Վերջապես, Երկրից տիեզերք մեկնեցին առաջին տիեզերանավերը մարդկանցով հանդերձ, բայց նրանք նույնպես չհանդիպեցին ոչ մի թռչող պնակի։
Մարդկանց մեծամասնության համար դա միանգամայն բավական էր։ Բոլոր այդ չճանաչված թռչող առարկաները, որ նկատվել են բազում դարեր շարունակ, հենց իր՝ բնության ծնունդն են եղել, և օդերևութաբանության ու աստղագիտության զարգացմանը զուգընթաց գտնվեցին դրանց բավականաչափ համոզիչ բացատրություններ։ Տիեզերական դարագլխին նորից վերածնվեց մարդու հավատը իր առաքելության նկատմամբ, ու աշխարհը բոլորովին կորցրեց հետաքրքրությունը թռչող պնակների հանդեպ։
Սակայն կրոնը բոլորովին հազվադեպ է մեռնում։ Մի խումբ հավատացյալները պաշտամունքը պահպանում էին արտառոց «հայտնություններով», երկրաբնակների հետ կայացած հանդիպումների մասին ասեկոսներով, հեքիաթներ էին պատմում հեռազգացական կոնտակտների մասին։ Ու որքան էլ հերթական մարգարեներ էին մերկացվում խաբեության մեջ, ֆանատիկոսները իրենցն էին պնդում։ Նրանք իրենց աստվածների կարիքն ունեին և չէին ցանկանում հրաժարվել նրանցից։
― Դուք այդպես էլ չբացատրեցիք, ― չէր հանգստանում Շաստերը, ― թե ինչու են այդ պնակավորները հենց ձեզ հետապնդում։ Ի՞նչ եք արել դուք, ինչո՞վ եք զայրացրել նրանց։
― Ես չափից ավելի եմ մոտեցել նրանց որոշ գաղտնիքներին, և նրանք էլ ահա օգտվեցին առիթից ինձ մեջտեղից վերացնելու համար։
― Շատ ավելի հեշտ միջոց կարող էին գտնել։
― Անմտություն է ենթադրել, թե մեր սահմանափակ բանականությունը ի վիճակի է ըմբռնել նրանց մտածելակերպը։ Բայց եկեք համաձայնեք․ բոլորը կմտածեն, որ դժբախտ դեպք է պատահածը, ոչ ոք չի կասկածի, որ դա այլևս ոչ մի դեր չի խաղում, միգուցե, դուք ասեք մեզ, թե ի՞նչ գաղտնիքի էիք հետամուտ լինում։ Դա, ինձ թվում է, բոլորին կհետաքրքրի։
Հանստենը նայեց Իրվինգ Շաստերի կողմը։ Մինչև հիմա իրավաբանը նրան թվում էր ավելի շատ մռայլ, հումորի զգացումից զուրկ մարդ․ որտեղի՞ց հանկարծ այդ հեգնանքը։
― Հաճույքով կպատմեմ, ― պատասխանեց Ռեդլին։ ― Ճիշտն ասած դա սկսվեց դեռ ինը հարյուր հիսուներեքին, երբ ամերիկյան աստղագետ Օ' Նիլը այստեղ, Լուսնի վրա հայտնաբերեց խիստ ուշագրավ մի բան։ Ճգնաժամերի ծովի արևելյան ծայրամասում նա հայտնագործեց ոչ մեծ մի կամուրջ։ Մյուս աստղագետները, հասկանալի է, ծաղրեցին նրան, սակայն ավելի պակաս նախապաշարվածները հաստատեցին կամրջի գոյությունը։ Իսկ արդեն մի քանի տարի հետո կամուրջը չքվեց։ Հավանորեն, մեր ուշադրությունը անհանգստացրեց պնակավորներին, ու նրանք քանդեցին այն։
Դա «հավանորեն», ասաց իրեն Հանստենը, «պնակապաշտների» տրամաբանության հիանալի օրինակ է, անհեթեթության անջրպետի վրայով ճարպիկ ցատկ կատարել դեպի միանգմայն շշմեցուցիչ նորմալ բանականությունը։ Նա երբեք չի լսել Օ'Նիլի կամրջի մասին, բայց աստղագիտության պատմությանը հայտնի են բազմաթիվ սխալ բացատրություններ։ Բնորոշ օրինակը մարսյան ջրանցքներն են։ Ամենաբարեխիղճ հետազոտողները նորից ու նորից խոսում էին նրանց մասին, իսկ մինչդեռ ջրանցքներ չկային, համենայն դեպս, ոչինչ՝ նման Լովելլի և մյուսների կողմից նկարված նրբագեղ սարդոստյանին։ Թե՞ Ռեդլին գտնում է, որ Լովելլի դիտումների ու Մարսի առաջին պարզ լուսանկարների միջև ընկած ժամանակամիջոցում ինչ֊որ մեկը լցրել է ջրանցքները։ Նա միանգամայն ընդունակ է այդ բանը հայտարարելու։
Ավելի շուտ «Օ'Նիլի կամուրջը» ոչ այլ ինչ է, քան լուսավորության քմահաճույքներ, մշտապես փոփոխվող լուսային ստվերների խաղ։ Բայց, իհարկե, մի նման պարզ պատասխան չի բավարարում Ռեդլիին։ Ի դեպ, ի՞նչ գործ ունի նա այստեղ, Ճգնաժամերի ծովից երկու հազար կիլոմետր հեռավորության վրա։
Այդ նույն հարցը ծագեց նաև ուղևորներից մեկ ուրիշի մոտ, ու նա անմիջապես տվեց այն։ Ինչպես միշտ, Ռեդլիի համոզիչ պատասխանը պատրաստ էր։
― Ես հույս ունեի, սովորական զբոսաշրջիկ ձևանալով, վանեմ ինձնից նրանց կասկածները։ Իմ փնտրած ապացույցը Արևմտյան կիսագնդում է՝ ես դիտավորյալ գնում եմ Արևելյանը։ Մտքիս դրել էի Ֆարսայդով հասնել Ճգնաժամերի ծով, ու միաժամանակ տեսնել այլ վայրեր։ Բայց նրանք խորամանկությամբ գերազանցեցին ինձ։ Մտքովս չանցավ, որ նրանց գործակալներից մեկնումեկը կարող է հետևել ինձ։ Չէ որ նրանք կարողանում են մարդկային կերպարանք առնել։ Ըստ երևույթին, նրանք ինձ հետևում էին Լուսնի վրա իջնելուս պահից ի վեր։
― Իսկ կարելի՞ է իմանալ, ― ասաց միսսիս Շաստերը, որը ավելի ու ավելի լուրջ էր ընդունում Ռեդլիի խոսքերը, ― թե հիմա նրանք ինչ կանեն մեզ հետ։
― Ավելի լավ է այդ մասին չմտածել, տիկին, ― պատասխանեց Ռեդլին։ ― Մենք գիտենք, որ նրանք այրեր ունեն Լուսնի ընդերքում։ Ես չեմ տարակուսում, մենք հենց այդպիսի անձավ էլ ընկել ենք։ Բավական էր նրանք տեսնեին, որ փրկարարները հասել են մեզ, իսկույն ևեթ միջամտեցին վերստին։ Վախենում եմ, որ այժմ մենք շատ խորն ենք, մեզ այլևս ոչ ոք չի ազատի։
«Բավական է այդ բարբաջանքը լսենք, ― ինքն իրեն ասաց Պաթը։ ― Զվարճացանք, կատակցինք՝ բավական է։ Բայց այս խելագարը արդեն սպառնում է տրտմություն պատճառել բոլոր ուղևորներին։ Ինչպե՞ս փակել նրա բերանը»։
Լուսնի վրա, ինչպես և տիեզերական բոլոր հեռավոր բնակավայրերում խելագարության դեպքերը հազվադեպ էին, և Պաթ Հարրիսը չգիտեր ինչպես վարվել։ Մանավանդ, որ խոսքը խիստ ինքնավստահ մեկին էր վերաբերվում, որը կարողանում է իր խելագարությամբ վարակել ուրիշներին։ Պաթն ինքն էլ սկսեց տատանվել․ գուցե Ռեդլին ճի՞շտ է ինչ֊որ բանում։ Այլ պարագաներում բնական առողջ սկեպտիցիզմը կպաշտպաներ նրան, բայց այս սպառնալից օրերը թանկ էին նստել նրան, ու կարծես նա ետ էր սովորել քննադատորեն մտածելը։
Մի՞թե այս զավզակ մտագարի ստեղծած հմայքը փշրելու մի հարմար միջոց չկա։
Նավապետը որոշ տհաճությամբ հիշեց այն հարվածը, որը ժամանակին քնեցրեց Հանս Բալդուրին։ Եվ, ակամա, մի խոսուն հայացք նետեց Հարդինգի վրա։ Իսկ նա առանց հապաղելու արձագանքեց․ գլխով հազիվ նկատելի նշան անելով, նա տեղից վեր կացավ։ «Ոչ, ոչ, ― ասաց Պաթը (մտքում), ― ես այդ նկատի չունեի, ձեռք մի տվեք այդ խեղճ խենթին, և ընդհանրապես՝ ի՞նչ մարդ եք դուք»։
Ու անմիջապես թեթևացած շունչ քաշեց։ Հարդինգը, որին Ռեդլիից բաժանում էին չորս շարք բազկաթոռներ, չմոտեցավ նորզելանդացուն։ Ամբողջ հասակով մեկ ձգված՝ նա անշարժ հայացքը հառել էր հաշվապահին․ նրա նայվածքի մեջ ինչ֊որ անհասկանալի բան կար։ Արդյո՞ք խղճահարություն։ Այս աղոտ լույսի տակ չես էլ հասկանա։
― Ժամանակն է, որպեսզի ես էլ մասնակցեմ բանավեճին, ― ասաց Հարդինգը։ ― Այն ամենից, ինչ ձեզ հայտնեց մեր բարեկամը, համենայն դեպս, մի բան միանգամայն ճիշտ է։ Նրան իսկապես, որ հետապնդում են, բայց ոչ թե «պնակավորները», այլ ես։ Վիլֆրեդ Ջորջ Ռեդլի, սկսնակի համար, դուք այնքան էլ վատ չաշխատեցիք, պետք է շնորհավորեմ ձեզ։ Հետապնդումը հրապուրիչ էր․ Քրայսդըրչից Աստրոգրադ, ապա Կլավի, այնտեղից մինչև Տիխո, Պտոլոմեոս, Պլատոն, Պորտ֊Ռորիս ― ու այստեղ, ուր ճանապարհը, որքան ես հասկանում եմ վերջանում է։
Խուճապի նշույլ անգամ չերևաց Ռեդլիի դեմքին։ Նա սոսկ խոնարհել էր գլուխը վեհասքանչորեն, կարծես համաձայն էր ընդունել, որ Հարդինգը գոյություն ունի, այդքանը միայն։
― Ինչպես դուք, հավանաբար, գլխի ընկաք, ― շարունակեց Հարդինգը, ― ես քրեական հետախուզույթյան աշխատակից եմ։ Մասնագիտանում եմ խաբեբաներ որսալու մեջ։ Շատ գրավիչ աշխատանք է, միայն այդ մասին պատմելու քիչ առիթ է լինում։ Ես շատ ուրախ եմ, որ այժմ նման առիթ ներկայացել է։ Ռեդլիի տարօրինակ հավատալիքները ինձ ամենևին չեն զբաղեցնում, համենայն դեպս, պրոֆեսիոնալ առումով։ Շատ ավելի կարևոր է այն, որ նա բարձրորակ ֆինանսական աշխատող է, լավ վճարվող պաշտոն է վարում Նոր Զելանդիայում։ Իհարկե, ոչ այնքան լավ, որպեսզի նա կարողանա մեկ ամսով Լուսին մեկնել։ Բայց դա նրան չի խանգարել։ Բանն այն է, որ միստր Ռեդլին «Ճանապարհորդություններ դեպի տիեզերք» ընկերության Քրայսդչըրչի բաժանմունքի ավագ հաշվապահ է։ Գտնում են, որ այս կազմակերպությունը հուսալիորեն ապահովագրված է ամեն կարգի չարաշահումներից, սակայն նա ինչ֊որ ձևով կարողացել է յուրացնել ուղեգիր՝ վարկագիր լիտեր «Չ», որը հնարավորություն է տալիս սրտիդ ուզածի չափ ճանապարհորդել արեգակնային համակարգությունում, օգտվել հյուրանոցներից ու ռեստորաններից, մինչև հինգ հարյուր ստոլլար ստանալ ներկայչական չեկով։ Շրջանառության մեջ այնքան էլ շատ չեն լիտեր «Չ» ուղեգրերը, այնպես են խնամում դրանք, ասես պլուտոնիումից լինեն։ Իհարկե, առաջներում նույնպես ոմանք փորձել են այդ խաղը խաղալ։ Որոշ կլիենտներ սովորություն ունեն ուղեգրեր կորցնել, իսկ ձեռներեց սուբյեկտները օգտվում են դրանից, որպեսզի թեկուզ մի քանի օր կյանք քաշեն։ Մի քանի օրից ավել չի ստացվում։ «ՃԴՏ» ընկերությունում հաշվառումը լավ հիմքերի վրա է դրված, այլ կերպ չի էլ կարող լինել։ Ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները, ու մինչ հիմա դեռ ոչ ոքի չի հաջողվել օգտվել ուրիշի ուղեգրերից մեկ շաբաթից ավելի։
― Ինը օր, ― անսպասելիորեն նրան ընդհատեց Ռեդլին։
― Խնդրում եմ ներեցեք, դուք, իհարկե, այդ բանը ինձանից լավ գիտեք․․․ Եվ այսպես, ինը օր։ Իսկ Ռեդլին գրեթե երեք շաբաթ ճանապարհորդեց, մինչև նրա հետքը գտանք։ Նա իր հերթական արձակուրդը վերցրեց ու աշխատավայրում ասաց, թե հանգստանալու է Հյուսիսային կղզում։ Փոխարենը նա մեկնեց Աստրոգրադ, իսկ այնտեղից՝ Լուսին․ Ռեդլին առաջինն է (ու մենք կարծում ենք վերջինը), որին հաջողվեց թռչել Երկրից՝ առանց վճարելու տոմսի համար։ Մենք դեռևս չգիտենք, թե ինչպես է այդ բանը հաջողվել նրան։ Ինպե՞ս է անցել ավտոմատ հսկիչներից։ Արդյո՞ք ծրագրման հատվածում գործակից է ունեցել։ «ՃԴՏ»֊ին խիստ հուզող այլ հարցեր էլ կան։ Հուսով եմ, Ռեդլի, դուք ձեր սիրտը բաց կանեք իմ առջև, պարզապես հարցասիրությունս բավարարելու համար։ Մենք ձեզ չենք հարցնում, թե ինչո՞ւ այդպես վարվեցինք՝ ինչո՞ւ զոհաբերեցիք ձեր լավ պաշտոնը և զվարճաբար զբոսանքի ելաք, որը պետք է բանտ ուղեկցեր ձեզ։ Հենց որ իմացանք, որ դուք Լուսնի վրա եք, պատճառը կռահեցինք։ Ընկերությունը գիտեր ձեր քմայքի մասին։ Բայց չէ որ այն չէր խանգարում ձեր աշխատանքին, ու ղեկավարությունը որոշեց ռիսկի դիմել։ Բայց դա շատ թանկ նստեց նրանց։
― Ես շատ եմ ցավում, ― արժանապատվությամբ արտասանեց Ռեդլին։ ― Ֆիրման միշտ լավ է վերաբերվել ինձ, ափսո՜ս, որ այդպես ստացվեց։ Բայց չէ որ ես բարի նպատակով եմ արել, ու եթե ինձ հաջողվեր ապացույց գտնել․․․
Սակայն այդ պահին բոլորը, բացառությամբ քրեական հետախուզության տեսուչ Հարդինգի, կորցրեցին ամեն տեսակի հետաքրքրությունը Ռեդլիի և նրա թռչող պնակների նկատմամբ։ Վերջ ի վերջո լսվեց ձայնը, որին նրանք այնքան սպասում էին։
Զննաձողը ճանկրտում էր փոշեգնացի տանիքը։
Գլուխ քսանութերորդ
«Ինչքա՜ն ժամանակ է այստեղ տնկված եմ, ― ինքն իրեն ասաց Մորիս Սպենսերը։ ― Իսկ արևը արևմուտքում նոր֊նոր է կտրվել հորիզոնից (տարօրինակ աշխարհ է), իսկ մինչև կեսօր դեռ երեք ամբողջ օր կա։ Ինչքա՞ն դեռ պետք է նստած մնամ այս լեռան վրա, լսելով նավապետ Անսոնի տիեզերական հեքիաթներն ու նայելով իգլուներով տախտակամածին»
Այդ հարցին ոչ ոք չէր կարող պատասխանել։ Երբ սկսեցին կեսսոն իջեցնել, թվում էր թե քսանչորս ժամվա մեջ ամեն ինչ կավարտվի։ Իսկ հիմա՞։ Նորից սկզբից են սկսելու։ Ու բացի այդ, հեռուստադիտողները գրավիչ կադրեր չեն տեսնի։ Ամեն ինչ տեղի կունենա կամ Ծովի խորքերում կամ էլ իգլուների ներսում։ Լոուրենսը շարունակում էր համառել, թույլ չտալով հեռուստախցիկը դնելու տախտակամածին, իսկ Սպենսերը չէր կարող կշտամբել նրան։ Մի անգամ գլխավոր ինժեների բախտը չէր բերել, ռեպորտաժի ժամանակ հիմար դրության մեջ էր ընկել։ Հասկանալի է, չի ուզում, որպեսզի կրկնվի նույնը։
Եվ, այնուամենայնիվ, խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որպեսզի «Աուրիգան» զիջի իր դիրքերը, որը ձեռք է բերվել այդպիսի ծախսերի գնով։ Եթե ամեն ինչ լավ լինի, նա կարող է հաղորդել երջանիկ տեսարան։ Եթե ձախողվի՝ տեսարանը ողբերգական կլինի։ Վաղ թե ուշ, ուղևորներով կամ առանց նրանց, փոշեսահնակները վերադառնալու են Պորտ֊Ռորիս։ Սպենսերը չէր ուզում բաց թողնել այդ քարավանը, միևնույն է նա ճանապարհ կընկներ արևածագին, թե արևամուտին, կամ նույնիսկ անշարժ Երկրի աղոտ լույսով։
«Սելենը» գտնելուն պես, Լոուրենսը իսկույն գործի դրեց հորատման հաստոցը։ Մոնիտորի էկրանի վրա Սպենսերը տեսնում էր, թե ինչպես է օդատար խողովակը իջնում փոշու մեջ։ Ո՞ւմ է պետք այս ամենը, եթե դեռ հայտնի չէ, թե արդյոք կենդանի մնացածներ կան։ Եվ ինչպե՞ս է առանց ռադիոյի ստուգել, արդյոք կենդանի են նրանք։
Այս հարցը տալիս էին միլիոնավոր մարդիկ։ Հնարավոր է, որ շատերը ճիշտ պատասխան էին գտնում։ Սակայն որքան էլ տարօրինակ է, այդ միտքը «Սելենի» ուղևորներից և ոչ մեկի, նույնիսկ կոմոդորի գլխում չծագեց։
Տանիքի վրա զգալով ծանր հարվածը, նրանք իսկույն գլխի ընկան, որ դա Ծովը զգուշորեն հետազոտող բարակ զննաձողը չէ։ Ու երբ րոպե անց հորատը ոռնոցով խրվեց ֆիբերգլասի մեջ, դա նրանց համար նույնն էր, ինչ ներումը մահապարտի համար։
Հորատը կաբելին չառավ․ ասենք, այժմ այդ արդեն ոչ մի դեր չէր խաղում։ Ուղևորները դյութված նայում էին առաստաղին։ Ավելի ուժեղ, ավելի ուժեղ, ու ահա սկսեցին տաշեղներ թափվել․․․ Հորատը ծակեց անցավ առաստաղը և մի քսան սանտիմետր ցած իջավ։ Այն դիմավորեցին միահամուռ «ուռա՜յով»։
«Իսկ այնուհետև՞, ― ինքն իրեն հարցրեց Պաթը։ ― Մենք չենք կարող խոսել նրանց հետ, ― ես ինչպե՞ս իմանամ, թե երբ հանեմ հորատը։ Հենց այդ էր պակասում, որ կրկնեմ սխալս»։
Այդ լարված լռությունը անսպասելիորեն խզեց մետաղահնչյուն մի ձայն։ Տի֊տի֊տի֊տա՜ ― ազդանշան, որը մինչև մահ «Սելենի» ուղևորները չեն մոռանա․․․ Պաթը իսկույն տափակապռունկ աքցանով թխլթխկացրեց պատասխան «ո»֊ն։ Հիմա նրանք գիտեն, որ մենք ո՛ղջ ենք։ Իհարկե, նրա մտքով չէր անցնում, որ Լոուրենսը կլքի նրանց, բայց ով գիտի․․․
Նոր ազդանշան լսվեց վերևից, բայց այս անգամ շատ ավելի դանդաղ։ Պաթ Հարրիսը հիշեց, թե ինչպիսի դժկամությամբ էին նրանք ուսումնասիրում Մորզեի այբուբենը։ Տիեզերական դարում դա բոլորովին ժամանակավրեպ էր թվում, տիեզերագնացներն ու տիեզերա֊ինժեներները ամեն կերպ դիմադրում էին, հայտարարելով, թե դա ժամանակի զուր վատնում է, թե ամբողջ կյանքում, թերևս միայն մեկ անգամ պետք գա։
Ըստ երևույթին, իզուր չէին ուսումնասիրել։
― Տա֊տա֊տա, ― զնգում էր խողովակը, ― տա, տի֊տա, տա, տի֊տի, տի֊տի, տա, տի։
Ու ճշտելու համար սկսեցին կրկնել։ Բայց Պաթն ու Կոմոդորը թեկուզև վաղուց չէին վարժվել, արդեն հասկացան։
Հաղորդում են, որպեսզի մենք հորատը հանենք, ― ասաց Պաթը։ ― Դե լավ, սկսենք։
Խողովակը այնպես ուժգին փնչաց, որ ակամա բոլորը վեր թռան։ Անմիջապես ճնշումը հավասարվեց, ու քսաներկու հոգի քար կտրած սպասում էին թթվածնի թարմ շնչին։
Դրա փոխարեն խողովակը լեզու առավ։ Անցքից լսվում էր խուլ, անդրշիրիմյան, բայց միանգամայն պարզորոշ ձայն։ Ըստ երևույթին, ուղևորներից շատ քչերն էին ընդհանրապես երբևէ տեսել խոսակցելու խողովակ, մանկությունից բոլորը սովորել էին այն բանին, որ միայն էլեկտրոնիկան կարող է ձայնը հաղորդել հեռավորության վրա։ Այդ հնի մնացուկը նրանց համար նույնպիսի նորություն էր, ինչպես հեռախոսը կթվար հին հույներին։
― Գլխավոր ինժեներ Լոուրենսն է խոսում։ Դուք ինձ լսո՞ւմ եք։
Պաթը ափերը խողովակ դարձրած՝ խողովակի մեջ վանկ առ վանկ ասում էր․
― Լավ ենք լսում, պարզ է։ Ինչպե՞ս եք դուք լսում։
― Հիանալի։ Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ։
― Այո՛։ Ի՞նչ է պատահել։
― Դուք մի երկու մետր իջել եք, ուրիշ ոչինչ։ Մենք այստեղ նույնիսկ ոչինչ չնկատեցինք, միայն խողովակներից գլխի ընկանք։ Օդի կողմից ինչպե՞ս եք։
― Օդը լավ է։ Բայց ինչքան շուտ միացնեք պոմպերը, այնքան լավ։
― Մի անհանգստացեք, կսկսենք մղել, հենց որ օդամաքրիչները փոշուց մաքրենք ու երկրորդ հորատը ստանանք Պորտ֊Ռորիսից։ Մենք ընդամենը մեկ հատ պահեստային հորատ ունեինք՝ այն, որ դուք այժմ հանեցիք։ Լավ է, որ գոնե այդ կար։
Ուրեմն, մեկ ժամի չափ կտևի։ Սակայն Պաթին այլ բան էր մտահոգում։ Նա գիտեր, թե Լոուրենսը ինչպես էր ուզում մարդկանց հանել «Սելենից»․ այժմ, երբ փոշեգնացը թեքվել էր, այդ պլանը անիրագործելի է։
― Ի՞նչ կերպ եք ուզում մեզ հանել, ― ուղղակի հարցրեց նա։ Լոուրենսը փոքր֊ինչ շփոթվեց։
― Ես դեռ չեմ մտածել, ինչպես հարկն է, բայց ընդհանրապես մենք կեսսոնին մի հատված էլ կավելացնենք, մինչև այն հասնի «Սելենին»։ Ապա դուրս կհանենք հորի ողջ փոշին։ Մնացած սանտիմետրերը կհաղթահարենք մի կերպ։ Սակայն, մինչ այդ ես մի խնդրանք ունեմ ձեզանից։
― Ի՞նչ։
― Ես իննսուն տոկոսով հավատացած եմ, որ այլևս իջեցում չի լինի, իսկ եթե ես սխալվում եմ, թող այդ հիմա պատահի։ Խնդրում եմ, մի երկու րոպե բոլորդ միասին ցատկեք։
― Իսկ վտանգավոր չէ՞ այդ, ― տատանվեց Պաթը։ ― Հանկարծ խողովակը նորից դուրս պրծնի։
― Անցքը կփակեք, և ուրիշ ոչինչ։ Մի ավելրոդ անցքը ոչ մի դեր չի խաղում։ Այլ բան է, երբ մի ամբողջ լյուկ կտրենք հանենք ― այն ժամանակ նոր իջեցումը բոլորովին տեղին չի լինի։
«Սելենը» շատ բան էր տեսել, բայց այս մեկը, անշուշտ, ամենազարմանալին էր։ Քսաներկու հոգի ամենայն լրջությամբ համերաշխ ցատկում էին մինչև առաստաղ ու նրանից հրվում, որպեսզի ավելի ուժեղ դոփեն հատակին։ Նավապետը լարված հետևում էր խողովակին, որը նրանց կապում էր արտաքին աշխարհի հետ։ Այսպես անցավ մեկ րոպե, ուղևորների համատեղ ջանքերը հանգեցրին այն բանին, որ փոշեգնացը մի երկու սանտիմետր նույնպես նստեց։
Լոուրենսը թեթևացած լսեց Պաթ Հարրիսոնի զեկույցը։ Համոզվելով, որ «Սելենն» այլևս չի իջնի, նա չէր տարակուսում, որ կարող է մարդկանց վերև բարձրացնել։ Ամեն ինչ չէր, որ պարզ էր, բայց պլանն արդեն ուրվագծվում էր նրա գլխում։
Վերջնականապես այն պարզ դարձավ «մտավոր տրեստի» հետ խորհրդակցելուց ու Ծարավի ծովում փորձեր կատարելուց տասներկու ժամ հետո։ Ինժեներական բաժինը մեկ շաբաթում ավելի շատ բան իմացավ լուսնափոշու մասին, քան բոլոր նախորդ տարիների ընթացքում։ Նա արդեն կուրորեն չէր մարտնչում անհայտ հակառակորդի դեմ։ Հաջողվեց բացահայտել թշնամու և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը։
Նոր գծագրերն ու հարմարանքները պատրաստեցին արագ, բայց ոչ հապճեպ։ Հիմնավորապես հիշելով, որ ամեն ինչ պետք է գործի անխափան։ Իսկ եթե գործը գլուխ չգա, լավագույն դեպքում հարկավոր է թողնել կեսսոնն ու նորը ընկղմել։ Իսկ վատթարագույնը․․․ վատթարագույն դեպքում լուսնային փոշին կխեղդի «Սելենի» ուղևորներին։
― Մենք պետք է լուրջ խնդիր լուծենք, ― ասաց Թոմ Լոուսոնը․ նա լուրջ խնդիրները կյանքից շատ էր սիրում։ ― Կեսսոնի ներքին վերջավորությունը փոշու համար բաց է։ Տանիքի թեքությունը թույլ չի տա, որպեսզի կեսսոնը քիփ նստի։ Մինչև փոշին հանոցելը, պետք բաց մնացած տեղը փակել։ Ես ասացի «հանոցե՞լ»։ Սխալ է, այդ նյութը չես հանոցի, այն հարկավոր է դուրս տալ։ Ու այսպես, եթե այդ գործը սկսենք առանց արանքը փակելու, լուսնափոշին ներքևից ներս կլցվի նույնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ մենք այն կհանենք վերևից։
Թոմը մի թունոտ ժպիտ պարգևեց իր բազմամիլիոն լսարանին․ թե գլուխ ջարդեք, որ ելք գտնե՛ք։ Մի փոքր սպասեց, մտածելու հնարավորություն տալով հեռուստադիտողներին, ապա ձեռքն առավ մոդելը, որ դրված էր ստուդիայի սեղանին։ Այն խիստ պարզ էր, բայց Թոմ Լոուսոնը շատ էր հպարտանում նրանով, որովհետև ինքն էր պատրաստել։ Դիտողներից ոչ մեկը գլխի չէր ընկնի, որ դա ընդամենը ստվարաթուղթ է՝ ալյումինե ներկով պատած։
― Այս խողովակը, ― սկսեց նա, ― պատկերում է հորի այն հատվածը, որը մեզ միացնում է «Սելենի» հետ։ Ինչպես արդեն ես ասացի, այն մինչև պռունկը լցված է լուսնափոշով։ Իսկ այս․․․ ― Թոմը սեղանից վերցրեց կարճլիկ գլանը, մի ծայրից փակ, ― քիփ մտնում է հորի մեջ, ինչպես մխոցը։ Նա շատ ծանր է ու ցած կձգտի, բայց լուսնային փոշին, բնականաբար, թույլ չի տա։
Թոմը ներդրուկը այնպես շրջեց, որպեսզի գլանի հատակը հեռուստախցիկին նայի։ Հետո ցուցամատով սեղմեց մեջտեղում, ու մի փոքրիկ դռնակ բացվեց։
― Սա, այսպես ասած, կափարիչն է։ Քանի դեռ այն բաց է, փոշին այնտեղով ներս է թափանցում ու մխոցը կեսսոնով ցած է իջնում։ Հենց որ մխոցը հասնի հատակին, կափարիչը վերևից տրված հրամանով կփակվի։ Այժմ հորը ներքևի կողմից մեկուսացված է, փոշին կարելի է դուրս տալ։ Շատ հասարակ է թվում, այնպես չէ՞։ Իրականում դա ամենևին այդպես չէ։ Հարյուրավոր պրոբլեմներ են ծագում, որոնց մասին ես ոչինչ չեմ ասել։ Օրինակի համար, երբ կեսսոնը դատարկվի, այն դուրս կլողա արտամղիչ ուժի ազդեցության տակ, իսկ վերջինս մի քանի տոննայի կհասնի։ Գլխավոր ինժեներ Լոուրենսը խելամիտ խարսխասիստեմ է նախատեսել, որը կեսսոնը տեղում կպահի։ Դուք, իհարկե, գլխի ընկաք, որ փոշին հանելուց հետո էլ «Սելենի» տանիքի և կեսսոնի միջև եղած սեպաձև արանքը կմնա։ Թե ինչպես կհաղթահարի միստր Լոուրենսն այդ խոչընդոտը, ես չգիտեմ։ Ու ես խնդրում եմ ձեզ այլևս ոչ մի առաջարկություն չանել, առանց այդ էլ մեզ ողողել են թեթևամիտ գաղափարներով։ Մխոցը, որի մասին ես ասացի ձեզ, պատրաստվել է ու փորձարկվել է ինժեներների կողմից, ավելին՝ այն արդեն ընկղմում են հորի մեջ։ Եթե ես ճիշտ եմ ընկալում այս մարդու արած նշանների իմաստը, մեզ այժմ կմիացնեն Ծարավի ծովը, ու մենք կտեսնենք, թե ինչ է կատարվում տախտակամածի վրա։
Հոթել «Ռորիսի» ժամանակավոր ստուդիան միլիոնավոր հեռուստաէկրաններից անհետացավ, այն փոխարինվեց մի պատկերով, որն այժմ արդեն ծանոթ էր գրեթե ողջ մարդկությանը։
Տախտակամածի վրա ու նրա մոտ արդեն երեք տարբեր չափսի իգլուներ կային։ Արևի վառ լույսի տակ նրանք հիշեցնում էին սնդիկի երեք հսկայական փայլուն կաթիլներ։ Ամենամեծ գմբեթի մոտ կանգնած էր մի փոշեսահնակ, մյուս երկուսը հանդերձանք էին փոխադրում Պորտ֊Ռորիսից։
Ծովից դուրս ցցված կեսսոնը հիշեցնում էր ջրհորը։ Վերևի հատվածը ընդամենը քսան սանտիմետր էր բարձր փոշուց, իսկ անցքը շատ փոքր էր թվում, որպեսզի նրա մեջ մարդ կարողանար խցկվել, մանավանդ սկաֆանդրով։ Սակայն փրկարար աշխատանքների վճռական փուլում սկաֆանդրեր չեն էլ լինի․․․
Ժամանակ առ ժամանակ ջրհորից դուրս էր գալիս գլանաձև շերեփը։ Ոչ մեծ, բայց բավականին հզոր կռունկը այն մի կողմ էր տանում ու թափում։ Փոշու թասակը մի պահ անշարժանում էր Ծովի գորշ հարթության վրա, ապա դանդաղ սկսում էր ցրվել ու անհետանում էր, մինչև դուրս կգար հաջորդ շերեփը։ Դա մի հրապուրիչ բացօդյա ֆոկուս էր, որը հանդիսատեսներին ամեն խոսքից լավ էր պատմում, թե ինչ պետք էր իմանալ Ծարավի ծովի մասին։
Քանի խորանում էր, շերեփը այնքան ուշ֊ուշ էր երևում։ Եվ ահա այն դուրս եկավ միայն կիսով չափ լիքը։
Ճանապարհը բաց է։ Եթե չհաշվենք հատակի «ուղեփակոցը»։
Գլուխ քսանիններորդ
― Չենք վհատվում, ― զեկուցեց Պաթը օդամուղով իջեցված միկրոֆոնի միջով։ ― Իհարկե, մենք տրտմեցինք, երբ փոշեգնացը նորից նստեց ու կապը ձեզ հետ խանգարվեց։ Բայց այժմ արդեն պարզ է, որ շուտով կհանեք մեզ այստեղից։ Լսում ենք, թե ինչպես է աղմկում շերեփը, ինչպես եք դուրս տալիս փոշին, ու գիտենք՝ դուք այստեղ եք։ Մենք երբեք չենք մոռանա այն ամենը, ինչ դուք արեցիք մեզ համար, ― ավելացրեց նա հուզված։ ― Ինչ էլ որ պատահի, մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ։ Մենք չենք կասկածում․ դուք արիք ամեն հնարավոր բան։ Իսկ այժմ միկրոֆոնը տալիս եմ մյուսին, արդեն շատ ուղերձներ են կուտակվել։ Հուսով եմ, որ այս վերջին հաղորդումն է «Սելենից»։
Միկրոֆոնը միսսիս Ուիլյամսին հանձնելով, Պաթը հանկարծ զգաց, որ եզրափակիչ ֆրազը, թերևս, այնքան էլ հաջող չստացվեց, այն երկակի կարելի է հասկանալ։ Ասենք ոչ, այժմ, երբ փրկությունը այսքան մոտ է, անհաջողությունների հնարավորությունը բացառվում է։ Նրանք այնքան են դիմացել, որ նոր ձախորդություններ պարզապես չպետք է լինեն։
Եվ, այնուամենայնիվ, նա գիտեր․ վերջին էտապը ամենադժվարն ու վտանգավորն է լինելու։ Արդեն մի քանի ժամ շարունակ, ― երբ գլխավոր ինժեներ Լոուրենսը նրանց պատմեց իր պլանի մասին, ― նրանք նորից ու նորից անդրադառնում էին դրան։ Ասենք այլևս ինչի՞ մասին կարելի էր խոսել, երբ թռչող պնակների թեման միահամուռ հակահարվածի հանդիպեց։
Կարելի էր բարձրաձայն ընթերցանությամբ զբաղվել, բայց չգիտես ինչու «Շեյնը» և «Նարիջն ու խնձորը» այլևս չէին հետաքրքրում նրանց։ Ամեն ոք կարող էր մտածել սոսկ փրկարար գործողությունների ու այն նոր կյանքի մասին, որ նրանց սպասում էր նորից մարդկությանը միախառնվելուց հետո։
Վերևից լսվեց մի խուլ, ծանր թրխկոց, որը մի բան կարող էր նշանակել․ շերեփը հատակին առավ, հորում փոշի չկա։ Կեսսոնը կարելի էր միացնել իգլուի հետ ու օդ մղել։
«XIX» իգլուի հատակին բաց էին արել մի անցք, որը ճիշտ համընկնում էր կեսսոնի վերևի շրջանակին։ Մեկ ժամից ավելի տևեց իգլուն խնամքով հարմարեցնելն ու օդով լցնելը․ միակցման հուսալիությունից էր կախված ոչ միայն «Սելենի» ուղևորների, այլև փրկարարների կյանքը։
Ամենամանրախնդիր ստուգումից հետո միայն գլխավոր ինժեներ Լոուրենսը սկաֆանդրը հանեց ու մոտեցավ բացված անցքին, ձեռքում պահած մի հզոր լամպ։ Ջրհորն ասես անտակ լիներ, իսկ մինչդեռ մինչև հատակը ընդամենը տանսյոթ մետր էր։ Նույնիսկ լուսնային ձգողության պայմաններում ցած գցած առարկան ընդամենը հինգ վայրկյանում հատակին կհասներ․․․
Գլխավորը դարձավ դեպի իր ընկերները։ Նրանք սկաֆանդրով էին, բայց հերմետիկ սաղավարտների պատուհանները բաց էին։ Եթե վթար պատահի, անմիջապես կարելի է դրանք փակել, ու փրկարարներին ոչինչ չի լինի։ Բայց Լոուրենսի վերջը կգա, «Սելենի» քսաներկու ուղևորներինը նույնպես։
― Խնդիրը ձեզ հայտնի է, ― ասաց նա։ ― Եթե հարկ լինի, որ ես արագորեն վեր բարձրանամ, բոլորդ միասին սանդուղքը դուրս քաշեք։ Հարցեր կա՞ն։
Հարցեր չկային, յուրաքանչյուրը լավ գիտեր, թե ինչ պետք է աներ։ Գլխով անելով փրկարարներին ու լսելով պատասխան միահամուռ «բարի ճանապարհը», Լոուրենսը սկսեց իջնել։
Ճանապարհի մեծ մասը նա պարզապես ընկնում էր, եբեմն կառչելով պարանե սանդուղքից՝ անկումը արգելափակելու համար։ Լուսնի վրա նման եղանակը միանգամայն անվտանգ է։ Միանգամա՞յն․․․ Գլխավոր ինժեները իր աչքով էր տեսել, թե ինչպես էին զոհվում մարդիկ, մոռանալով, որ նույնիսկ այստեղ ձգողական դաշտը տասից էլ պակաս վայրկյանում վայր ընկնող մարմնին հաղորդում է կյանքի համար վտանգավոր արագություն։
Դա հիշեցնում էր Ալիսի իջնելը Հրաշքների երկիրը, բայց դրանով էլ վերջանում էր նմանությունը Քերոլի գրքի հետ․ ընդսմին այնքան մոտ, որ վախից աչքերդ կկոցում էիր։ Թեթև մի հպում՝ նա հորի հատակում էր։
Լոուրենսը պպզեց մետաղե հարթակի վրա, որը շոգենավի լյուկի չափ էր, և ուշադիր զննեց այն։ Կափարիչի դռնակը, որը միշտ բաց էր, երբ ներդրուկը կեսսոնով ցած էր իջնում, այնքան էլ քիփ չէր փակվել, ու նրա արանքներով գորշ փոշի էր թափանցում։ Սարսափելի ոչինչ չկա։ Թեև եթե ներքևի ճնշման տակ դռնակը բացվի, դեպի ներս․․․ Այո, իսկ ի՞նչ կլինի այն ժամանակ։ Ինչպիսի՞ արագությամբ փոշին կեսսոնով կբարձրանա վեր։ Լոուրենսը վստահ էր, որ կարող է կանխել այն։
Ներքևում, ընդամենը մի քանի սանտիմետրի վրա՝ փոշեգնացի տանիքն է, երեսուն աստիճան թեքությամբ։ (Ա՛խ, այդ թեքվածքը)։ Հատվածի հորիզոնական օղագոտին հարկավոր է միացնել տանիքին, միացնել պինդ, որպեսզի փոշին չանցնի։
Որքան կարող էր Լոուրենսը դատել, ամեն ինչ նախատեսված է․ իզուր չէր, որ պլանի վրա աշխատել էին Երկրի ու Լուսնի լավագույն ինժեներները։ Նույնիսկ հաշվի է առնված, որ քանի նա այստեղ աշխատում է, «Սելենը» կարող է ևս մի քանի սանտիմետր նստվածք տալ։ Բայց տեսությունը մի բան է, գործնականը մի այլ՝ գլխավորը դա գիտեր սեփական փորձով։
Լոուրենսի ոտքի տակ մետաղյա սկավառակի վրա՝ եզերքով ցցված էին վեցը հեղույսներ։ Նա սկսեց մեկը մյուսի հետևից պտտել դրանք, ինչպես թմբկահարը իր գործիքը լարելիս։ Սկավառակի ներքևի կողմից ամրացրված էր գարմոնանման ծալված մի խողովակ, որն իր լայնքով գրեթե հավասար էր հորի տամագծին՝ հազիվ հազ մի մարդ կխցկվեր։ Գլխավոր ինժեները թուլացրեց հեղույսները և գարմոնանման ծալվածքը աստիճանաբար սկսեց բացվել, ստեղծելով մի ճկուն միջնորմ։
Խողովակի մի ծայրը թեք տանիքից բաժանված էր քառասուն սանտիմետրով, մյուսը՝ ինչ֊որ միլիմետրերով։ Լոուրենսը ամենից շատ վախենում էր, որ փոշին հնարավորություն չէր տա գարմոնին բացվելու, սակայն հեղույսները հեշտությամբ էին հաղթահարում արտաքին դիմադրությունը։
Վերջ, այլևս չի գնում։ Այժմ միջնորմի ներքևի շրջանակը միացված է փոշեգնացի տանիքի հետ, իսկ ռեզինե միջնադիրը ապահովում է միացման հերմետիկությունը։ (Արդյո՞ք ապահովում է, այժմ նա կստուգի․․․)
Լոուրենսը ակամա վերև նայեց, ստուգելով նահանջի ճանապարհը։ Վառ լամպից այն դին (որ կախված էր երկու մետրի վրա), կատարյալ խավար էր, բայց պարանե սանդուղքի առկայությունը հանգստացրեց նրան։
― Միջնորմը իջեցվա՛ծ է, ― բղավեց նա անտեսանելի օգնականներին։ ― Կարծես լավ է նստած։ Կափարիչը բաց եմ անում։
Մի փոքր անփութություն՝ ու հորը լուսնափոշով կհեղեղվի։ Ու արդեն դուրս չես տա․․․ Դանդաղ, զգուշությամբ Լոուրենսը անջատեց այն դռնակը, որի միջով թափանցում էր փոշին, երբ ներդրակը իջեցնում էին։ Ժայթքում չեղավ, հարմոնը հուսալիորեն զսպում էր Ծովի ճմշումը։
Լոուրենսը ձեռքը ընկղմեց փոշու բարակ շերտի մեջ ու մատներով շոշափեց «Սելենի» տանիքը։ Նա շատ հազվադեպ էր զգացել այդպիսի երջանկություն։ Նա փոշեգնացին հասավ։ Հավանաբար, հին ժամանակներում նման ապրումներ է ունեցել ոսկի փնտրողը, երբ փոսի հատակին նստած նայել է առաջին փայլուն հատիկներին․․․
Լոուրենսը երեք անգամ թակեց տանիքը․ իսկույն հաջորդեց պատասխանը։ Ինչ խոսք, Մորզեի այբուբենը պետք չի, երբ կողքիդ միկրոֆոն կա, բայց գլխավորը շատ լավ էր հասկանում, թե իր թակոցը ինչքան կոգևորի «Սելենի» ուղևորներին։ Հիմա նրանք հաստատ գիտեն՝ փրկությունից նրանց բաժանում են հաշված սանտիմետրեր։
Սակայն հարկավոր է սկզբից վերացնել մի քանի խոչընդոտներ։ Դրանցից առաջինը՝ մետաղե հարթակը, որը և Լոուրենսի ոտքերի տակ գտնվող մխոցի հատակն է։ Նա իր գործն արեց, թույլ չտվեց, որպեսզի լուսնափոշին թափանցի, երբ հորը դատարկում էին։ Այժմ մարդկանց փոշեգնացից դուրս բերելու համար, այն պետք է հեռացնել։ Եվ ընդսմին չվնասել միջնորմը, որը տեղադրելիս այն օգնեց։
Մխոցի հատակը հանովի էր՝ բավական էր թուլացնել եզրերի ութը հեղույսները։ Լոուրենսը մի քանի րոպեում գործը գլուխ բերեց ու պարանը կապեց սկավառակին։
― Վիրա՛։[5]
Մի փոքր գեր մարդը ստիպված կլիներ մինչև սկավառակը բարձրանցելը՝ ինքը վեր բարձրանալու սանդուղքներով․ նրան կողքի դարձրեց, ինքը սեղմվեց հորի պատին, ու բաց թողեց սկավառակը։ Մնաս բարով, պաշտպանության վերջին բնագիծ․․․ Նա հայացքով ճանապարհեց այն։ Այժմ հորը ոչնչով չի կարելի ծածկել, եթե միջնորմը խախտվի ու լուսնափոշին խուժի ներս։
― Դույլ, ― խնդրեց գլխավորը։
Այն արդեն իջնում էր։
«Քառասուն տարի առաջ, ― ինքն իրեն ասաց Լոուրենսը։ ― Կալիֆոռնիայի լողափին ես խաղ էի անում փոքրիկ բահով ու դույլով, բերդեր էի կառուցում ավազից։ Այժմ ես՝ Ըրթսայդի գլխավոր ինժեներս, լուսնափոշի եմ փորում, որը շատ ավելի լուրջ զբաղմունք է, և ողջ մարդկությունը սպասում է, թե ինչ է ստացվելու դրանից»։
Առաջին դույլը բարձրացավ, ու տանիքի մի մասը երևաց։ Շատ քիչ փոշի էր մնացել, ևս երկու դույլ՝ ու Լոուրենսի առջև փայլեց նավիրանի ալյումինե մաշկը։ Այն կուչ էր եկել չափազանց ծանրաբեռնվածությունից, ու գլխավոր ինժեները հեշտությամբ միայն ձեռքերով պոկեց այն։ Երևաց ֆիբերգլասը։ Իսկ հետո՞։ Ամենևին դժվար չի անցք բացել էլեկտրական սղոցով։ Ու բոլորին կործանել․ փոշեգնացի կրկնակի նավիրանի վրա արդեն մի քանի անցքեր են բացվել, ու որմիկների մեջ ընկած ամբողջ տարածությունը լցված է լուսնափոշով։ Ճնշումը մեծ է, միայն մի անցք ծակիր, և փոշին կխփի շատրվանի պես։ «Սելեն» թափանցելու համար մի կերպ պետք է կաշկանդել այդ խարդախ շերտը։
Լոուրենսը մի անգամ էլ թակեց տանիքը։ Այդպես էլ կա, խուլ ձայն է գալիս, պատճառը փոշու շերտն է։ Բայց այս արդեն անսպասելի էր․ ներքևից ի պատասխան լսվեց տագնապալի հաճախակի թակոց։
Վերևից ընկերները դեռ չէին հասցրել հայտնել գլխավորին, թե ինչ էր պատահել «Սելենի» մեջ, երբ նա ինքը հասկացավ․ Ծարավի ծովը վերջին փորձն էր անում իր զոհերին ձեռքից բաց չթողնելու համար։
Երեք հանգամանք նպաստեցին այն բանին, որ հենց Կարլ Յուխանսոնը նկատեց փորձանքը․ նա ատոմագետ֊ինժեներ էր, լավ հոտառություն ուներ և նստած էր փոշեգնացի վերջնամասում։ Յոխանսոնը մի քանի վայրկյան հոտոտեց, ապա անցարանի մոտ նստած հարևանին ասաց «ներեցե՛ք», վեր կացավ ու առանց շտապելու գնաց զուգարան։ Նա անտեղի չէր ուզում վախեցնել մարդկանց, այն էլ հիմա, երբ փրկությունը այդքան մոտ էր։ Բայց իր բազմամյա աշխատանքի ընթացքում ինժեներ Կարլ Յոխանսոնը շատ հաճախ էր համոզվել, թե ինչով էր սպառնում այրվող մեկուսիչի հոտը։
Նա զուգարանում մնաց ուղիղ տասներկու վայրկյան, դուրս եկավ այնտեղից ու շտապ (բայց զգույշ, որպեսզի ոչ ոքի չվախեցնի) քայլեց դեպի Պաթ Հարրիսը, որը զրուցում էր կոմոդորի հետ։
― Նավապե՛տ, ― ցածր, բայց վճռական ձայնով նա ընդհատեց նրանց։ ― Նավում հրդեհ է սկսվել։ Ստուգեցեք զուգարանում։ Ես դեռ ոչ ոքի չեմ ասել։
Պաթը իսկույն վեր թռավ տեղից։ Հանստենը վազեց նրա ետևից։ Տիեզերքում կամ ծովի վրա «հրդեհ» բառը լսելիս չեն շաղակրատում։ Մանավանդ, որ Յուխանսոնը այնպիսի մեկը չէր, որպեսզի կեղծ խուճապ առաջացներ։ Նա Պաթ Հարրիսի նման աշխատում էր Լուսնային ադմինիստրացիայի տեխնիկական բաժնում․ իզուր չէր կոմոդորը նրան մտցրել «պատժիչ ջոկատի» մեջ։
Զուգարանը ոչնչով չէր տարբերվում ամեն մի ցամաքային, ծովային, օդային կամ տիեզերական ոչ մեծ նավի նույնանման սենյակից․ առանց տեղից վեր կենալու կարելի էր ձեռքով հասնել ուզածդ պատին։ Բացի ետևի պատից, որից կախված էր լվացարանը, ֆիբերգլասը տաքությունից փուչիկ֊փուչիկ էր լինում ու պայթում․․․
― Մեկ րոպե հետո կրակը այստեղ կլինի, բղավեց կոմոդորը։ ― Բայց հրդեհը որտեղի՞ց։
Պաթը արդեն դուրս էր եկել։ Նա գրեթե իսկույն վերադարձավ, թևի տակ դրած բերելով երկու կրակմարիչներ։
― Կոմոդոր, ― ասաց Պաթ Հարրիսը, ― խնդրում եմ զեկուցեք վերև։ Ասացեք, որ մեզ մնացել է ընդամենը մի քանի րոպե։ Ես այստեղ կլինեմ, կդիմավորեմ կրակը։
Հանստենը ենթարկվեց։ Պաթը լսում էր, թե ինչպես է նա զեկուցում Լոուրենսին, ու անմիջապես իրարանցում սկսվեց խցիկում։ Զուգարանի դուռը բացվեց, ներս մտավ դոկտոր Մըքենզին։
― Ես կարո՞ղ եմ օգնել ձեզ, ― հարցրեց գիտնականը։
― Վախենամ ոչ, ― պատասխանեց Պաթը՝ պատրաստ բռնած կրակմարիչը։
Տարօրինակ զգացում՝ ասես այս ամենը տեղի է ունենում ոչ թե կյանքում, այլ երազի և իրականության սահմանագծում։ Երկյուղ չկար, այն ամենից հետո, ինչ նա ապրել էր, այլևս չէր կարողանում հուզվել, ամեն ինչ անում էր մի տեսակ անտարբեր։
― Որտեղի՞ց կրակը, ― կոմոդորի հարցը կրկնեց Մըքենզին։ Եվ ավելացրեց․ ի՞նչ կա այդ միջնորմից այն կողմ։
― Էներգիայի հիմնական աղբյուրն է։ Քսան հզոր էլեմենտներ։
― Ինչպիսի՞ն է պաշարը։
― Երբ մենք դուրս եկանք, հինգ հազար կիլովատ ժամ էր։ Մնացել է հավանաբար, կեսը։
― Ամեն ինչ պարզ է։ Ինչ֊որ տեղ կարճ միացում է տվել։ Ըստ երևույթին, էլեմենտները այրվում են կաբելը վնասվելուց հետո։
Կարծես ճիշտ է, թեկուզ այն պատճառով, որ «Սելենի» վրա էներգիայի այլ աղբյուր չի եղել։ Ճիշտ է, հրակայուն նյութերը, որոնցից պատրաստված էր փոշեգնացը, սովորական կրակից չեն հրկիզվում։ Բայց, եթե էներգիայի ողջ պաշարը, որ նախատեսված է բազմաժամյա շարժման համար՝ առավելագույն արագությամբ վերածվի ջերմության, փորձանքից չի կարելի խուսափել․․․
Բայց չէ որ դա անհնարի՞ն է։ Դրա համար էլ ավտոմատ անջատիչներ կան, որոնք պետք է գործեն նման ծանրաբեռնվածության դեպքում։ Միգուցե նրանք շարքից դո՞ւրս են եկել։ Մըքենզին իրեն նետեց օդասահանքի խցիկը և համոզվեց, որ անջատիչները գործել են։
― Բոլոր շղթաները անջատված են, ― ասաց նա Պաթին։ ― Հոսանք չկա։ Բան չեմ հասկանում։
Չնայած աղետալի վիճակին, Պաթը չկարողացավ զսպել ժպիտը։ Այս մինչև ուղն ու ծուծը գիտնական Մըքենզին էլ նույնիսկ մեռնելիս պետք է հարցնի, թե ինչը ինչոց է։ Խարույկի վրա խորովվելիս էլ (իսկ նրանց նման մի բան էր սպառնում) դահիճներից հարցնում է, թե ինչի փայտ են դրանք․․․
Ծալովի դուռը բացվեց, ներս մտավ Հանստենը։
― Լոուրենսը խոստանում է տասը րոպեում լյուկ բաց անել, ― ասաց նա։ ― Կդիմանա՞ միջնորմը։
― Ո՞վ գիտի, ― պատասխանեց Պաթը։ ― Այն կարող է մեկ ժամ դիմանալ, իսկ կարող է և թափվել մի քանի վայրկյանից։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի արագությամբ է տարածվում կրակը։
― Մի՞թե ավտոմատ կրակմարիչներ չկան։
― Նրանք այնտեղ հարկավոր չեն, սովորաբար միջնորմի ետևում վակուում է, ավելի լավ կրակմարիչ չես հնարի։
― Դե, իհարկե, ― բացականչեց Մըքենզին։ ― Մի՞թե չեք հասկանում։ Տանիքը ծակելիս փոշի է թափանցել ներս, միջնորմների միջև, ու փակել է էլեկտրական բոլոր շղթաները։
Մըքենզին ճիշտ է։ Արտաքին միջավայրի հետ հաղորդակցություն ունեցող բոլոր հատվածները, այժմ ողողված են լուսնափոշով։ Այն ներս է խուժել տանիքի անցքերով, լցվել է պատերի միջև ընկած տարածությունը, աստիճանաբար կուտակվել է ուժային հարմարանքների շուրջը։ Լուսնափոշու մեջ բավականին մետեորային երկաթ կա, այն լավ հաղորդիչ է՝ ու սկսվել է հրագործությունը․ կայծեր, վոլտյան աղեղներ, հազար ու հազար էլեկտրական խարույկներ։
― Եթե ջուր ցանենք պատին, ― ասաց կոմոդորը, ― կօգնի՞, թե՞ ֆիբերգլասը կճաքի։
― Եկեք փորձենք, ― առաջարկեց Մըքենզին։ ― Միայն մի քիչ զգույշ։
Նա ծորակից ջուր լցրեց պլաստմասսայի բաժակի մեջ (ջուրն արդեն տաքացել էր) ու հարցական նայեց ընկերներին։ Ոչ ոք չէր առարկում, ու ֆիզիկոսը մի քանի կաթիլ ցանեց փուչիկակալած պատին։
Մի այնպիսի տրաքոց լսվեց, որ Մըքենզին իսկույն դադարեցրեց իր փորձը։ Խիստ վտանգավոր է․․․ Եթե միջնորմը երկաթից լիներ, այդպիսի եղանակը ձեռք կտար, բայց այս պլաստմասսան վատ է անցկացնում ջերմությունը, նա չի դիմանա ջերմային լարմանը։
― Մենք ոչինչ չենք կարող անել այս դեպքում, ― եզրակացրեց կոմոդորը։ ― Կրակմարիչներն էլ չեն փրկի։ Ավելի լավ է դուրս գանք ու հատվածը փակենք։ Դուռը կարող է միջնորմ ծառայել, մենք որոշ ժամանակ կշահենք։
Պաթը տատանվում էր։ Խցում անտանելի շոգ էր, բայց նահանջելը վախկոտություն էր թվում նրան։ Թեև ընդհանուր առմամբ, Հանստենի փաստարկները համոզիչ են․ եթե այստեղ մնաս, թերևս ծխից խեղդվես, հենց որ կրակը լափի ֆիբերգլասը։
― Լավ, գնանք, ― համաձայնեց նա։ ― Ու բարիկադանման մի բան սարքենք դրսից։
Արդյոք կհասցնե՞ն․․․ Պաթ Հարրիսը պարզ լսում էր, թե ինչպես է չարգուշակորեն պայթում պատը, որը դիմանում էր ամենակուլ կրակի ճնշմանը։
Գլուխ երեսուներորդ
«Սելենի» վրա ծագած հրդեհի լուրը ամենևին չազդեց Լոուրենսի գործողությունների վրա։ Շտապել չէր կարելի․ ամբողջ օպերացիայի համար այս վճռական րոպեներին ամեն մի սխալ կարող էր ճակատագրական լինել։ Նա կարող էր միայն աշխատել, աշխատել ու հույս տածել, որ կկանխի կրակը։
Վերևից հորի մեջ իջեցրին մի հարմարանք, որը հիշեցնում էր յուղելու կամ տորթը նախշանկարելու շպրից։ Ճիշտ է, այն լցված էր ոչ կրեմով, ոչ էլ տավոտով, այլ շուտ պնդացող օրգանասիլիկոնային խառնուրդով, մեծ ճնշման տակ։
Առաջին խնդիրն էր՝ խառնուրդը նավիրանի պատերի միջև ընկած տարածության մեջ ներարկել այնպես, որ փոշին չանցնի հորը։ Դուրգանելու փշտովով Լոուրենսը «Սելենի» իրանի մեջ մխրճեց յոթ սնամեջ գնդերիթներ․ մեկը մաքրված շրջանակի կենտրոնում, մյուսները հավասարաչափ հեռավորությամբ՝ երիզներով։
Ապա նա շպրիցը միացրեց կենտրոնական գնդերիթին և ձգանը քաշեց։ Մի թեթև թշշոց ― խառնուրդը սկսեց հոսել սնամեջ գնդերիթով, իր ճնշումով բաց անելով նրա ներքին մասում եղած կափարիչը։ Լոուրենսը շտապ֊շտապ շպրիցը գնդերիթից գնդերիթ էր տեղափոխում, յուրաքանչյուրի մեջ որոշ քանակությամբ խառնուրդ ներարկելով։ Եվ այդպես, նա պատերի միջև եղած ամբողջ փոշին ծծեցրեց այդ նյութով, ու ստացվեց խորդուբորդ բլինանման մի բան՝ մոտ մեկ մետր տրամագծով։ Ոչ, ոչ թե բլին, այլ սուֆլե, որովհետև շպրիցից դուրս ցայտելով, հեղուկը փրփրում է։
Մի քանի վայրկյան հետո խառնուրդը կսկսի ամրանալ․ դրա համար նրան կատալիզատոր է ավելացրած։ Լոուրենսը ժամացույցին նայեց․ հինգ րոպե՝ ու փրփուրը պինդ կլինի ինչպես քարը, և ծակոտկեն, ինչպես պեմզան։ Նավիրանի այդ մասում ամբողջ փոշին «կսառչի», և կարելի է ապահով լինել նոր խուժումից։
Հինգ րոպե․․․ Այս ժամկետը ոչ մի կերպ չես կրճատի, փրփուրը պետք է անհրաժեշտ ամրությունը ստանա, դրանից է կախված հաջողությունը։ Եթե նա ճիշտ չի ընտրել կետերը կամ սխալվել է ժամանակի հարցում, եթե քիմիկոսները Խարսխակայանում սխալ են թույլ տվել, «Սելենի» ուղևորներին կարելի է մահացած համարել։
Մինչ ժամանակը կլրանար, գլխավորը մաքրեց հորի հատակը։ Նա ամեն ինչ վերև ուղարկեց ու մնաց առանց որևէ գործիքի, դատարկաձեռն։ Եթե Մորիս Սպենսերին հաջողվեր հեռուստախցիկն իջեցնել նեղ հորի մեջ (իսկ նա դրա համար հոգին էլ կվաճառեր սատանային), հանդիսատեսները բոլորովին չէին կռահի, թե ինչ է անելու այժմ Լոուրենսը։
Եվ նույնիսկ կզարմանային, երբ տեսնեին, որ վերևից գլխավոր ինժեներին իջեցնում են երեխայի գլդորանի նման մի բան։ Բայց դա խաղալիք չէր, այլ բանալի, որ պետք է բանար «Սելենը»։
Սյուն արդեն ուղևորներին հավաքել էր փոշեգնացի փոքր֊ինչ բարձրացած քթամասում։ Խումբ֊խումբ հավաքված, նրանք տագնապալի նայում էին առաստաղին ու լսողությունը լարած՝ որսում էին հուսադրող ձայները։
Ահա թե երբ է պետք նրանց սիրտ տալ, ինքն իրեն ասաց Պաթը։ Ինքը նավապետը դրա կարիքը թերևս ավելի շատ էր զգում․ չէ որ ինքն էր միայն (թեև Հանստենն ու Մըքենզին նույնպես կռահել էին) իրեն հաշիվ տալիս, թե ինչ վտանգ է սպառնում իրենց։
Կրակը՝ իր հերթին։ Այն, իհարկե, կսպանի նրանց, եթե խուժի ներս․ բայց կրակը դանդաղ է շարժվում, նրա հետ մի որոշ ժամանակ, թեկուզ կարճատև, կարելի է պայքարել։ Իսկ ահա պայթյունի դեմ նրանք անզոր են։
Այժմ «Սելենն» իրենից ներկայացնում էր վառվող քուղով մի ական։ Էլեմենտներում եղած էներգիայի պաշարը, որը սնում էր նրա շարժիչներն ու էլեկտրական սարքերը, կարող էր անզուսպ ջերմության վերածվել, բայց պայթյունով չէր սպառնում։ Ցավոք սրտի, այդ նույնը չէր կարելի ասել հեղուկ թթվածնով ցիստեռնների մասին։
Նրանց մեջ դեռևս քիչ չկար խիստ սառն ու արտակարգ ակտիվ այդ նյութից։ Երբ ավելացող տաքությունը քայքայի ցիստեռնների պատյանը, ֆիզիկական ու քիմիական երևույթները պայթյուն կառաջացնեն։ Ոչ մեծ, իհարկե, իր ուժով հավասար մի քանի հարյուր կիլոգրամ տոլի պայթյունին։ Բայց բավական՝ որպեսզի ցաքուցրիվ տա «Սելենը»։
Պաթը որոշեց այդ մասին Հանստենին ասել։ Կոմոդորը բարիկադներ էր սարքում։ Առաջնամասի բազկաթոռները հանում ու խցկում էր զուգարանի դռան ու վերջին կարգի միջև եղած անցումը։ Կարծես նրանք պատրաստվում էին ետ մղելու մեկի ներխուժումը, ու ոչ թե պայքարելու կրակի դեմ։ Չէ որ դա հենց այդպես էր։ Կրակը կարող է էներգահատվածից այս կոմն էլ չանցնել, բայց հենց որ ծռմռված միջնորմը տեղի տա, լուսնափոշին ներս կհորդի։
― Կոմոդոր, ― ասաց Պաթը, ― քանի դուք այստեղ զբաղված եք, ես կսկսեմ նախապատրաստել ուղևորներին։ Ինչ կստացվի, եթե քսան հոգի միաժամանակ նետվեն դեպի ե՛լքը։
Իսկապես, սարսափելի բան կլինի։ Չի կարելի թույլ տալ իրարանցում, իսկ դա հեշտ չի լինի, որքան էլ ուղևորները կարգապահ լինեն։ Մի կողմից, միակ նեղ թունելը, մյուս կողմից՝ սրընթաց հարձակվող մահը․ դե արի ու խուճապի մի մատնվիր։
Պաթը անցավ քթամասը։ Երկրի վրա դա մի դարիվեր կլիներ, իսկ այստեղ երեսուն աստիճանի թեքությունը չէր զգացվում։ Նայելով իրեն ուղղված անհանգիստ դեմքերին, նավապետն ասաց․
― Կարելի է պատրաստվել։ Հենց որ բաց անեն, վերևից պարանե սանդուղք կիջեցնեն։ Առաջինը դուրս են գալիս կանայք, նրանցից հետո տղամարդիկ, այբբենական կարգով։ Աշխատեք չվազել։ Հիշեցեք, որ քիչ եք կշռում այստեղ, և բարձրացած ձեռքերով, իհարկե, որքան կարելի է արագ։ Բայց մի հրմշտեք իրար, ժամանակը միանգամայն բավարար է, ու մի քանի վայրկյանում դուք արդեն վերևում կլինեք։ Սյու, խնդրում եմ բոլորին հերթ կանգնեցնեք։ Հարդինգ, Բրայեն, Յուխանսոն, Բարրետ՝ դուք ասյտեղ եք մնում։ Մեզ կարող է պետք գալ ձեր․․․
Նա խոսքը չավարտեց՝ փոշեգնացի ետնամասից լսվեց մի խուլ պայթյուն։ Առանձնապես ոչինչ չկար, թղթե տոպրակը ավելի ուժեղ ձայն կհաներ։ Բայց դա նշանակում էր, որ միջնորմը նահանջեց։ Իսկ առաստաղը, դժբախտաբար, դեռ անվնաս էր։
Նրանցից մի քանի սանտիմետր վերևում Լոուրենսը իր գլդորանը դրել էր Ֆիբերգլասի վրա ու այն սվաղում էր արագ կպչող ցեմենտով։ Գլդորանի տրամագիծը գրեթե համընկնում էր հորի տրամագծին, որի հատակին պպզած էր գլխավոր ինժեները։ Ոչ մի վտանգ չկար, և այնուամենայնիվ, Լոուրենսը շատ զգույշ էր աշխատում։ Պայթեցնողների անփույթ վերաբերմունքը պայթուցիկ նյութերի նկատմամբ երբեք չէր դուր գալիս նրան։
Նրա տեղադրած օդանման լիցքը իրենից ներկայացնում և գործում էր շատ հասարակ կերպով։ Պայթյունը որոշ լայնության ու խորության կանոնավոր ակոս բաց կանի, վայրկյանի հազարերորդական մասում կկատարի նույն աշխատանքը, որի համար էլեկտրական սղոցը կբաներ քառորդ ժամ։ Ի դեպ, սկզբում Լոուրենսն ուզում էր կիրառել սղոցը․ լավ է, որ միտքը փոխեց։ Երևում էր, նրա տրամադրության տակ տասնհինգ րոպե չկա՛ր։
Նա շուտով համոզվեց դրանում։
― Փոշեգնացում հրդեհ է բռնկվել, ― բղավեցին վերևից։
Գլխավոր ինժեները ժամացույցին նայեց։ Մի պահ նրան թվաց, թե վայրկյանաչափը տեղից չի շարժվում։ Ծանոթ պատրանք։ Ոչ, ժամացույցը կանգնած չէ, ինչպես ինքը կուզենար։ Մինչև հիմա շատ թափով էր աշխատում, այժմ արդեն հազիվհազ էր տկտկում․․․
Եվս երեսուն վայրկյան, և փրփուրը կամրանա։ Ավելի լավ է մի քիչ սպասել, քան պայթեցնել ժամանակից շուտ, երբ նա դեռ մածուցիկ է։
Լոուրենսը առանց շտապելու սկսեց սանդուղքով վեր բարձրանալ քանդելով էլեկտրոդետոնատորի լարերը։ Նա ճիշտ էր հաշվել ժամանակը։ Երբ գլխավոր ինժեները դուրս եկավ հորից, էլեկտրալարերի բաց ծայրերից հանեց մեկուսիչներն ու միացրեց էլեկտրոդետոնատորին, մնացել էր ուղիղ տասը վայրկյան։
― Հաղորդեցեք, որ մենք սկսում ենք հաշվել, ― ասաց նա։
Կոմոդորին օգնելու նպատակով (թեև նա լավ չէր պատկերացնում, թե ինչ կարելի է անել այժմ) դեպի նավախելը իջնելիս Պաթը լսեց, թե ինչպես Սյուն առանց շտապելու ազգանուններն էր կարդում։
― Միսս Մոռլի, միսսիս Ուիլյամս, միսսիս Շաստեր․․․
Բախտի քմահաճույքին տես․ միսս Մոռլին նորից առաջինը կլինի, այժմ արդեն այբուբենի շնորհիվ։ Այս անգամ նա արդեն բողոքելու տեղ չունի։
Բայց այդ ժամանակ նրա գլխում ծագեց մեկ այլ, սարսափելի միտք․ «Իսկ եթե միսսիս Շաստերը լռվի թունելում և մուտքը խցանի՞»։ Եվ չէ որ նրան վերջում չես թողնի։ Ոչ, ոչ, ամեն ինչ լավ կլինի։ Չի կարող պատահել, որ փրկարարները այդ բանը նախատեսած չլինեն։ Բացի այդ, միսսիս Շաստերը նկատելիորեն նիհարել է։
Առաջին իսկ հայացքից Պաթ Հարրիսին թվաց, թե զուգարանի դուռը հաջողությամբ դիմանում է ներսի գրոհին։ Եթե ծղնիկների երկայնքով դուրս եկող ծուխը չլիներ, կարելի էր մտածել, որ ընդհանրապես ոչինչ չէր պատահել։ Ու Պաթը թեթևացած շունչ քաշեց։ Չէ որ ֆիբերգլասը կրկնակի էր։ Մինչև այն այրվի, մի չորս ժամ կանցնի, գուցև ավելի։ Դրանից շատ շուտ․․․
Ինչ֊որ բան խուտուտ տվեց նրա բոբիկ ոտնաթաթերը։ Պաթը սկզբում ակամա մի կողմ քայլեց, ապա նոր նրա մտքում հարց ծագեց․ «Ի՞նչ կարող է լինել»։
Նա ներքև նայեց։ Ու թեպետ Պաթի աչքերը վաղուց սովորել էին վթարային աղոտ լուսավորությանը, նա իսկույն գլխի չընկավ, թե բարիկադավորված դռան արանքով սկսել է ներս սողոսկել չարագույժ գորշ հոսանքը, և երկու սալերն էլ ճկվել են փոշու բազմատոննանոց ծանրության տակ։ Ուր որ է դրանք կպոկվեն։ Եթե չպոկվեն էլ, այժմ արդեն ոչ մի նշանակություն չունի։ Ահավոր անձայն հորդումը սկսվել էր, լուսնափոշին արդեն բարձրացել էր մինչև նրա կոճերը։
Պաթը քարացել էր տեղում, նա նույնիսկ չէր էլ փորձում խոսել կոմոդորի հետ, որը կանգնած էր նրա կողքին նույնպես անշարժ։ Կյանքում առաջին անգամ (իսկ ավելի շուտ վերջին) նավապետ Պաթ Հարրիսին համակեց անհաղթահարելի կատաղությունը։ Ծարավի ծովը, որն այդ պահին բազմաթիվ նուրբ, չոր շոշափուկներով շոյում էր նրա ոտքերը, Պաթին թվում էր մի խարդախ էակ, որը նրա հետ խաղում էր, ինչպես կատուն մկան հետ։ «Հենց ճիշտ այն րոպեին, ― մտածում էր նա, ― երբ մեզ թվում էր, որ հիմա արդեն ամեն ինչ կարգին է, Ծովը միշտ մի անակնկալ էր պատրաստում մեզ համար։ Մենք միշտ մի քայլ ետ ենք ընկնում, իսկ այժմ արդեն ամեն ինչից զզվել եմ։ Այդ Ռեդլին այնքան էլ չէր սխալվում․․․»։
Օդամուղ խողովակից կախված բարձրախոսը ընդհատեց Պաթ Հարրիսի մռայլ մտածմունքները։
― Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, ― բղավեցին վերևից։ ― Անցեք խցի վերջը և դեմքներդ փակեք։ Սկսում ենք համրել տասից։
― ՏԱՍԸ։
«Մենք առանց այդ էլ վերջին ենք հասել, ― մտածեց Պաթը։ ― Տասը․․․ Շատ չի՞ լինի․․․ Չենք դիմանա»։
― ԻՆԸ։
«Գրազ կգամ, միևնույն է ոչինչ չի ստացվի։ Ծովը թույլ չի տա։ Հենց որ զգա, որ մենք դուրս ենք պրծնում․․․»։
― ՈւԹ։
«Բայց ափսո՜ս, ինչքան ջանք թափեցինք։ Ինչքան մարդ չարչարվեց, որպեսզի մեզ փրկեն։ Դե արի ու տես, որ իզուր․․․»։
― ՅՈԹ։
«Յոթը, կարծես բախտավոր թիվ է։ Գուցե, այնուամենայնիվ, դո՞ւրս պրծնենք։ Թեկուզ մի քանի հոգով․․․»։
― Վեց։
«Ինչո՞ւ մի քիչ չզվարճանամ։ Այժմ արդեն միևնույն է։ Եվ այսպես, եթե հաշվել․․․ ասենք, տասնհինգ վայրկյան լյուկ բաց անելու․․․»։
― ՀԻՆԳ։
«Եվ սանդուղք իջեցնելու համար․ նրանք, հավանաբար, ապահով լինելու համար այն բարձրացրել են․․․»։
ՉՈՐՍ։
«Եվ ենթադրենք, որ յուրաքանչյուր երեք վայրկյանում դուրս է գալիս մեկ ուղևոր․․․ Թեկուզ նույնիսկ հինգ վայրկյանում․․․»։
― ԵՐԵՔ։
«Քսաներկու անգամ հինգ՝ կստացվի հազար․․․ ոչ, հիմարություն եմ ասում, թվաբանությունը մոռացել եմ․․․»
― ԵՐԿՈՒ։
«Մի խոսքով, հարյուր քանի վայրկյան, կամ համարյա երկու րոպե, այդ ժամանակաընթացքում այդ անիծյալ ցիստեռնները միանգամայն ի վիճակի կլինեն մեզ այն աշխարհը ուղարկելու․․․»։
― ՄԵԿ։
«Մե՛կ։ Իսկ ես դեռ երեսս չեմ ծածկել։ Միգուցե պառկեմ, թեկուզ այդ զզվելի բանը բերանս լցվի․․․»։
Հուժկու ընդհատվող մի ճայթյուն, ու ասես քամին ներս խուժեց։ Ուրիշ ոչինչ։ Առանձնապես ոչ մի էֆեկտ։ Բայց պայթեցնողները հիանալի գիտեին իրենց գործը (այ թե միշտ այդպես լինի)։ Պայթյունի ուժը ճիշտ էր հաշված և ուղղված, նրա առատությունը բավականացրեց միայն նրան, որ ծածանեց արդեն կիսով չափ հատակը բռնած լուսնափոշու մակերեսը։
Ժամանակը կանգնեց, ընդմիջումը մի ամբողջ հավիտենականություն թվաց։ Ապա նրանց աչքերի առջև տեղի ունեցավ հրաշք՝ դանդաղ, բայց անսպասելի, այդ պատճառով էլ առանձնապես շշմեցուցիչ, թեպետ, եթե մտածելու, խորհելու ժամանակ լիներ՝ խորհրդավոր ոչինչ չկար։
Կարմրավուն կիսախավարում փայլատակեց վառ սպիտակ լույսի մի օղակ։ Լայնացավ, լայնացավ․․․ ու հանկարծ մի ամբողջական կանոնավոր շրջանակ դարձավ․ առաստաղի մի մասը բաժանվեց ու ընկավ։ Վերևում ընդամենը մի թույլ լամպ էր վառվում, այն էլ կախված էր մի քսան մետրի վրա։ Սակայն երկար ժամանակ կարմրավուն կիսախավարին ընտելացած աչքերի համար այն արշալույսից վառ թվաց։
Գրեթե իսկույն երևաց պարանե սանդուղքը։ Միսս Մոռլին տեղից պոկվեց, ինչպես սպրինտերը, և չքացավ հորի մեջ։ Երբ միսսիս Շաստերի հերթը հասավ (նա շատ ճկուն չէր շարժվում, բայց և չէր դանդաղում), մի իսկական խավարում տեղի ունեցավ։ Միայն մի քանի բարակ ճառագայթներ էին թափանցում փրկարար հորից, և խուցը նորից մթնեց․ լույսի մի կարճատև առկայծումից հետո, նորից խավարը թագավորեց։
Տղամարդկանց դուրս գալու հերթը եկավ։ Առաջինը՝ միստր Բալդուրինն էր․ հավանաբար, ուրախ էր, որ այդպիսի ազգանուն ուներ։ Ընդամենը մի տասը հոգի էին մնացել ներսում, երբ զուգարանի բարիկադավորված դռները պոկվեցին ծխնիներից։ Հեղեղը քշեց ամբարտակը։
Ալիքը Պաթ Հարրիսին հասավ մոտավորապես հատակի մեջտեղում։ Որքան էլ լուսնափոշին թեթև ու հոսուն էր, այն կաշկանդում էր նրա շարժումները․ նավապետը ասես սոսնձի մեջ խրված լիներ։ Դեռ լավ էր, որ խոնավ օդը մի փոքր թրջել էր փոշին, այլապես խուցը փոշու խեղդող ամպով կլցվեր։ Պաթը հազում, փռշտում էր, նա գրեթե ոչինչ չէր տեսնում, բայց շնչել կարողանում էր։
Բոսորագույն մառախուղի մեջ լսվում էր Սյուի ձայնը․
― Տասնհինգ, տասնվեց, տասնյոթ, տասնութ, տասնինը։
Ստյուարդուհին խստորեն պահպանում էր հերթը։ Նա հուս ուներ, որ Սյուն մյուս կանանցից հետո անմիջապես դուրս կգա, բայց նա շարունակում էր ղեկավարել իր խնամակալներին։ Պաթը հուսահատ մենամարտ էր մղում լպրծուն, շարժուն փոշու դեմ, որն արդեն նրա գոտկատեղին էր հասել, և մտածում էր Սյուի մասին, այնպիսի սիրով էր մտածում, որ սիրտը ցավում էր։ Նա այլևս չէր տարակուսում։ Իսկական սերը զուգակցում է և՛ հակումը, և՛ քնքշությունը։ Սյուն վաղուց էր ձգում Պաթին, իսկ քնքշությունը նոր համակեց նրան։
― Քսան․․․ կոմոդոր։ Ձեր հերթն է շտապե՛ք։
― Բա ոնց չէ, Սյու, ― պատասխանեց կոմոդորը։ ― Բարձրացե՛ք։
Պաթը չտեսավ, թե ինչ կատարվեց, փոշին ու խավարը խանգարում էին նրան, բայց նա գլխի ընկավ, որ Հանստենը ուղղակի Սյուին դուրս նետեց առաստաղի անցքից։ Ոչ տարիքը, ոչ էլ տիեզերական աշխատանքի տարիները չէին թուլացրել կոմոդորի բազուկները, որ նա մարզել էր Երկրի վրա։
― Դուք այստե՞ղ եք, Պաթ, ― լսվեց Հանստենի ձայնը։ ― Ես սանդուղքի վրա եմ։
― Մի սպասե՛ք․․․ գալիս եմ։
Ասելն ավելի հեշտ էր, քան անելը։ Միլիոնավոր փափուկ, բայց ուժեղ մատներ կառչել էին նրանից, ետ էին ձգում փոշու մեջ։ Պաթը ձեռքը գցեց բազմոցի թիկնոցին (այն հազիվ էր երևում փոշու մեջ) և նետվեց դեպի լույսը։
Ինչ֊որ բան դիպավ նրա դեմքին, ու նա ակամա ձեռքը բարձրացրեց, որպեսզի մի կողմ հրեր խանգարող առարկան, բայց իսկույն գլխի ընկավ, չէ որ դա սանդուղքն է։ Բոլոր ուժերը լարելով, Պաթը ձեռքերով դեպի վեր ձգվեց։ Ծարավի ծովը դանդաղորեն ու դժկամությամբ տեղի էր տալիս․․․
Մինչև լյուկից դուրս գալը, Պաթը մի վերջին հայացք նետեց փոշեգնացի խցի վրա։ Վերջնամասը ամբողջովին ողողված էր, ու լուսնափոշին շարունակում էր բարձրանալ։ Նրա գորշ մակերեսը հարթ էր, առանց որևէ ծալքի։ Մի անբնական տեսլիք էր դա, այդ պատճառով էլ առավել զարհուրելի։ Պաթից մի մետր ցած (նա գիտեր, որ այդ մանրամասնությունը կհիշի ողջ կյանքում) թղթե բաժակը խաղալիքային նավի նման ծուլորեն ծածանվում էր խաղաղ լճակի վրա։ Մի երկու֊երեք րոպե հետո այն դեմ կառնի առաստաղին ու կընկղմվի փոշու մեջ, բայց առայժմ նա մաքառում էր։
Չէր նահանջում նաև վթարային լույսը։ Լամպերը, նույնիսկ անթափանց խավարի մեջ ընկղմված դեռ երկար կվառվեն․․․
Հորի մեջ հայտնվելով, Պաթ Հարրիսը սկսեց շտապ֊շտապ մագլցել վեր, ինչքան ուժերը ներում էին, բայց կոմոդորին հասնել չկարողացավ։ Անսպասելիորեն նրա աչքերին զարնեց պայծառ լույսը՝ Հանստենը դուրս եկավ։ Պաթը ակամա ցած նայեց ու տեսավ նրան կրնկակոխ հետևող փոշին։ Նույնքան հարթ ու անխռով՝ բայց հարձակվում է նույնպիսի համառությամբ։
Մնում էր լոք անել անցնել կեսսոնի պռնկի վրայով, և ահա նա մարդկանցով լեփ֊լեցուն իգլուի մեջտեղում է, շրջապատված իր հոգնած, տանջված ուղեկիցներով։ Չորս հոգի սկաֆանդրերով ու մեկը առանց սկաֆանդրի օգնում էին նրանց խելքի գալու։ Երևի հենց վերջինն էլ գլխավոր ինժեներ Լոուրենսն էր։ Նույնիսկ մի տեսակ տարօրինակ էր այս բոլոր անցած օրերից հետո նոր դեմք տեսնելը․․․
― Բոլո՞րը դուրս եկան, ― արագ հարցրեց Լոուրենսը։
― Այո, ― պատասխանեց Պաթը։ ― Ես վերջինն եմ։ ― Ու ավելացրեց, ― հուսով եմ․․․
Այդ խառնաշփոթության մեջ, խավարում դժվար չէր մեկն ու մեկին մոռանալը։ Հանկարծ Ռեդլին որոշեր, որ չարժե Նոր Զելանդիա վերադառնալ, որտեղ նա պատասխանատվության պետք է կանչվի․․․
Չէ․․․ ահա նա, այստեղ է։ Պաթը հենց նոր էր սկսել հաշվել մարդկանց, երբ պլաստիկի հատակը ցնցվեց, իսկ հորի վրա ճախրեց փոշու օդանման ամպը։ Այն դիպավ առաստաղին, ետ եկավ ու ցրվեց։ Բոլորն ապշեցին։
― Այս ի՞նչ էր, ― զարմացավ գլխավորը։
― Թթվածնի ցիստեռնն էր, ― պատասխանեց Պաթը։ ― Մնաս բարով, ծերուկ լուսնագնաց, դու դիմացար, ինչքան հարկավոր էր։
Ու «Սելենի» նավապետը անզուսպ լաց եղավ։ Նա շատ անհարմար էր զգում, բայց ոչինչ չէր կարող անել։
Գլուխ երեսունմեկերորդ
― Միևնույն է այս դրոշները դուր չեն գալիս ինձ, ― ասաց Պաթը, երբ փոշեգնացը ճամփա ընկավ Պորտ֊Ռորիսի նավահանգստից։ ― Ախր, շատ անհեթեթ է, երբ մտածում ես, որ նրանք կախված են վակուումի մեջ։
Թեև, երբ պարզ խոսենք, պատրանքը լիակատար էր։ Խայտաբղետ պատվադրոշները, որոնք զարդարում էին Տիեզերակայանի շենքը, ծփում էին գոյություն չունեցող քամուց։ Դա արվել էր շատ հասարակ, զսպանակներն ու փոքրիկ մոտորները օգնում էին թլսորելու երկրային հեռուստադիտողների գլուխը։
Այսօր մեծ տոն է Պորտ֊Ռորիսի համար, և ոչ միայն նրա՝ այլև ամբողջ Լուսնի համար։ Ափսո՜ս, որ Սյուն իր հետ չէ, նման ճանապարհորդության համար նա լավ մարզավիճակում չէ։ Առավոտյան, երբ ճանապարհում էր իրեն, նա նույնիսկ գանգատվեց։
― Չեմ պատկերացնում, թե ինչպես են Երկրի վրա կանայք երեխա բերում։ Նման ծանրություն կրել այնտեղ, ուր ձգողականությունը վեց անգամ մերինից ավելի՛ն է․․․
Պաթը շեղվեց ընտանեկան խորհրդածություններից ու լրիվ ընթացքով առաջ շարժվեց։ Արևի ճառագայթների տակ լուսնափոշին ասես միապաղաղ ծիածաններ կապեց նավի ետևում, ու խցում, «Սելեն 2֊ի» նավապետի թիկունքում լսվեցին երեսուներկու ուղևորների խանդավառ բացականչությունները։
Նոր լուսնագնացի առաջին ռեյսը տեղի էր ունենում ցերեկը։ Ճանապարհրորդները չեն տեսնի Ծարավի ծովի դյութիչ լուսարձակումը, անշարժ երկրի կանաչ փայլը, ու չի լինի գիշերային արշավը կիրճով դեպի Խառնարանային լիճը։ Բայց այս ամենը հատուցվում էր տպավորությունների նորությամբ ու անսովորությամբ։ Իր անբախտ նախորդի շնորհիվ «Սելեն 2֊ը» համարյա ամենանշանավոր նավն էր ամբողջ արեգակնային համակարգությունում։
Հին ճշմարտություն է․ վատ համբավը՝ լավագույն ռեկլամն է։ Ու հաշվելով տոմսերի նախնական հայտերը՝ «Լուսնաշրջիկի» պետը ուրախ էր, որ չէր զիջել, ստիպել էր մեծացնել սալոնը, որպեսզի հնարավոր լիներ վերցնել էլ ավելի շատ ուղևոր։ Իսկ ինչքա՜ն հարկ եղավ մարտնչել ընդհանրապես նոր «Սելեն» ստանալու համար։ «Վախեցած մարդն իր շվաքից էլ կվախենա», ― պնդում էր գլխավոր ադմինիստրատորը, ու զիջեց միայն այն բանից հետո, երբ պատեր Ֆերրարոն և Գեոֆիզիկական վարչությունը նրան համոզեցին, որ մոտակա մեկ միլիոն տարում կարելի է ապահով լինել Ծովի խարդավանքից։
― Այդպես պահե՛լ, ― տեղից վեր կենալով երկրորդ օդաչուին ասաց Պաթը։ ― Գնամ զրուցեմ ուղևորների հետ։
Նա դեռ բավականին երիտասարդ ու փառամոլ էր, նրան շոյում էին ուղևորների հիացական հայացքները։ Նավում չկար մեկը, որ կարդացած չլիներ նավապետ Հարրիսի մասին կամ տեսած չլիներ նրան հեռուստացույցով։ Հենց միայն այն, որ նրանք նստած են այստեղ ― նշանակում է լիովին վստահում են նրան։ Իհարկե, դա միայն նրա ծառայությունը չէր, Պաթը լավ էր հասկանում այդ, բայց նա առանց կեղծ համեստության գնահատում էր իր վարմունքը «Սելեն 1֊ի» վերջին ժամերին։ Խորտակված, փոշեգնացի փոքրիկ ոսկե մոդելը («Վերջին նավարկության բոլոր մասնակիցներից՝ անկեղծ հիացմունքով» միստր և միսսիս Հարրիսներին մատուցված հարսանեկան նվերը) ամենաթանկ պարգևն էր նրա համար։
Պաթ Հարրիսը դեպի նավախելն էր գնում, ողջյուններ փոխանակելով ուղևորների հետ։ Հանկարծ նա կանգ առավ, ասես մեխվելով տեղում։
― Հըլլո, նավապետ, ― լսվեց ծանոթ ձայնը։ ― Դուք կարծես, զարմացա՞ծ եք։
Պաթը անմիջապես իրեն հավաքեց ու մի շլացուցից պաշտոնական ժպիտ պարգևեց նրան։
― Օ՜, միսս Մոռլի, ինչպիսի հաճելի անակնկալ։ Ես չէի էլ կասկածում, որ դուք Լուսնի վրա եք։
― Ինձ համար նույնպես անակնկալ է այս։ Եվ այս ամենը շնորհիվ այն ակնարկի, որ ես գրեցի «Սելեն֊մեկի» մասին։ «Միջմոլորակային կյանք» ամսագիրը ինձ հանձնարարել է պատմել նոր փոշեգնացի առաջին ուղերթի մասին։
― Հուսով եմ, ― ասաց Պաթը, ― այն կանցնի առանց այնպիսի արկածների, ինչպես անցյալ անգամ։ Ասացեք, խնդրեմ, մյուսներից որևէ մեկին հանդիպո՞ւմ եք։ Վերջերս ես նամակ ստացա դոկտոր Մըքենզիից, Շաստերները նույնպես գրում են, բայց Ռեդլիի մասին ոչինչ չգիտեմ։ Ի՞նչ պատահեց այդ խեղճ մարդու հետ Հարդինգի ձերբակալելուց հետո։
― Ոչինչ։ Եթե հաշվի չառնենք, որ նրան աշխատանքից ազատեցին։ Դատի տա՞լ նրան։ Չէ որ բոլորը կհամակրեն նրան, էլ չասած, որ նրա օրինակին հետևողներ էլ կլինեն։ Ասում են, իր ապրուստը հոգալու համար նա այժմ իր դավանակիցների համար դասախոսություններ է կարդում «Ինչ հայտնաբերեցի ես Լուսնի վրա» թեմայով։ Ու գիտեք, նավապետ Հարրիս, ինձ թվում է․․․
― Ի՞նչ։
― Նա նորից Լուսին կվերադառնա։
― Ինչքան շուտ, այնքան լավ։ Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ էր ուզում գտնել նա Ճգնաժամների ծովում։
Նրանք ծիծաղեցին, ապա միսս Մոռլին ասաց․
― Ես լսել եմ, որ դուք դուրս եք գալիս աշխատանքից։
Պաթը նկատելիորեն շփոթվեց։
― Դա ճիշտ է, ― հաստատեց նա։ ― Տիեզերական գծերի վրա եմ փոխադրվում։ Եթե բոլոր փորձարկումներին դիմանամ։
Պաթը շատ էլ վստահ չէր դրանում, բայց չէր ուզում հրաժարվել փորձելուց։ Լուսնագնաց վարելը՝ հետաքրքիր, հաճելի աշխատանք է, խոսք չկա։ Իսկ հետո՞։ Սյուն ու կոմոդորը ճիշտ են ասում․ դա փակուղի է։
Նա ուրիշ պատճառ էլ ուներ։ Պաթ Հարրիսը հաճախակի էր խորհում այն մասին, թե ինչքան ճակատագրեր փոխվեցին, երբ Ծարավի ծովը հորանջեց աստղազարդ երկնքին նայելով։ «Սելեն 1֊ում» տեսածը անդրադարձավ յուրաքանչյուրի վրա, ու գրեթե նրանք բոլորն էլ փոխվեցին դեպի լավը։ Օրինակի համար հեռու գնալու հարկ չկա։ Ինչքան հաշտ ու խաղաղ են խոսում ինքը և միսս Մոռլին․․․
Անցյալ իրադարձությունները անհետևանք չեղան նաև փրկարար գործողությունների մասնակիցների համար, առանձնապես դոկտոր Լոուսոնի և գլխավոր ինժեներ Լոուրենսի համար։
Պաթը քանիցս հեռուստացույցի էկրանի վրա տեսել էր դյուրաբորբոք աստղագետին՝ գիտական թեմաներով հաղորդումներում, բայց երախտագիտության զգացումն էլ չէր օգնում՝ Լոուսոնը առաջվա նման նրան դուր չէր գալիս։ Բայց, դատելով ըստ ամենայնի, դուր է գալիս միլիոնավոր հեռուստադիտողների։
Իսկ ինչ վերաբերվում է Լոուրենսին, նա առանց ձեռքերը ծալելու գիրք էր գրում (պայմանական վերնագիրը՝ «Մարդը Լուսնի մասին»), և անիծում այն օրը, երբ պայմանագիր կնքեց հրատարակչության հետ։ Պաթը նրան օգնեց «Սելենին» նվիրված գլուխներում։ Սյուն հանձն առավ, քանի դեռ երեխան չի ծնվել, կարդալ֊շտկել ձեռագիրը։
― Ներեցեք, ― ասաց Պաթ Հարրիսը, հիշելով նավապետի պարտականությունները, ― ես պետք է ուշադրության արժանացնեմ նաև մյուս ուղևորներին։ Կլավիում լինեք, անցեք մեզ մոտ։
― Անպատճառ կգամ, ― խոստացավ միսս Մոռլին, մի թեթև տարակուսած, բայց ակներևբար գոհ հրավերի համար։
Պաթը առաջ անցավ, պատասխանելով բարևներին ու հարցերին։ Ահա և օդասահանքի հատվածը։ Նա մտավ, դուռը ետևից փակեց ու միայնակ մնաց։
Ինչ կարելի է ասել, այստեղ շատ ավելի ընդարձակ է, քան «Սելեն 1֊ի» անցման փոքրիկ խցիկում։ Սակայն, ընդհանուր առմամբ ամեն ինչ նույնն է, և զարմանալի չէ, որ հուշերը հորդեցին․․․ Ահա սկաֆանդրը՝ արդյոք այն չէ՞, որ թթվածին էր մատակարարում իրեն ու Մըքնեզիին, երբ մյուսները քնած էին․․․ Ու մի՞թե այս միջնորմին չէր դրել նա ականջը, լսելով վերընթաց փոշու հոսանքի շրշյունը։ Եվ չէ որ հենց օդասահանքի խցիկում ինքն ու Սյուն առաջին անգամ իսկապես ճանաչեցին միմյանց․․․
Բայց ահա նորություն․ պատուհան արտաքին դռան վրա։ Պաթը դեմքը հպեց ապակուն ու հայացքը հառեց հեռուն՝ մոտով սլացող Ծարավի ծովի հարթությանը։
Այժմ փոշեգնացի այս կողմը ստվերոտ է, պատուհանը նայում էր տիեզերական սև գիշերվան, և հենց որ աչքերը սովորեցին խավարին, նա տեսավ աստղերը։ Միայն ամենախոշորները, իհարկե, քանի որ ցրված լույսը խանգարում էր տեսնել մյուսները։ Ահա Յուպիտերը՝ Վեներայից հետո ամենապայծառ մոլորակը։
Շուտով ինքն այնտեղ կլինի, հարազատ աշխարհից հեռու․․․ Այդ միտքը և՛ ուրախացնում էր նրան, և՛ վախեցնում, և, այնուամենայնիվ, Պաթը գիտեր, որ տեղում չի նստելու։
Նա սիրում էր Լուսինը, բայց այն փորձեց սպանել իրեն, և նա միշտ վատ կզգա իրեն նրա ամայի տարածություններում։ Ինչ խոսք, մեծ տիեզերքը ավելի ահարկու և դաժան է, սակայն Պաթը դեռ առիթ չի ունեցել մարտնչելու նրա հետ։ Իսկ հարազատ Լուսնի հետ իր հարաբերությունները լավագույն դեպքում կհիշեցնեն զինված չեզոքությունը։
Խցիկի դուռը բացվեց, ներս մտավ ստյուարդուհին, բելերով դատարկ գավաթներով սկուտեղը։ Պաթը երեսը շրջեց պատուհանից ու աստղերից։ Երբ հաջորդ անգամ նա՝ նրանց տեսնի, անհամեմատ ավելի պայծառ կլինեն։
Նավապետը ժպտաց գեղեցիկ համազգեստով աղջկան։
― Այդ ամենը ձերն է, միսս Ջոնսոն։ ― Նա ձեռքով ցույց տվեց նեղլիկ նավախոհանոցը։ ― Լավ տանտիրուհի եղեք։
Ապա նա վերադարձավ ղեկի մոտ ու ձեռնամուխ եղավ «Սելեն 2֊ի» առաջին ուղերթին, որն իր վերջին նավարկությունն էր Ծարավի ծովով։