«Կալեվալա»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Ռունա ԺԳ)
(Ռունա ԽԹ)
 
(9 intermediate revisions by the same user not shown)
Տող 1621. Տող 1621.
  
Իսկ մենք դառնանք տեսնենք, թե ինչ են անում մեր մյուս դյուցազները։
 
 +
 +
 +
==Ռունա ԺԶ==
 +
 +
Վեյնեմեյնեն ուզում է իր համար նավակ սարքել, բայց դժվարությունների է հանդիպում
 +
 +
 +
Շատ տխուր էին անցնում Վեյնեմեյնենի օրերը։
 +
 +
Դատարկ տանը չկար մեկը, որ օգներ նրան, չկար տանտիրուհի, որ ծերության օրերին նեցուկ լիներ ալևորին։
 +
 +
Շատ ծանր ու թեթև արեց Վեյնեմեյնենը և որոշեց մեկ էլ փորձել բախտը, գնալ Պոխյոլա և Լոուխիի գեղեցկուհի աղջկան տիրանալ։
 +
 +
Նրան պետք էր ամուր տախտակներից սարքված դիմացկուն նավ, որ ծովի ալիքների հարվածներին ու բոլոր փորձություններին դիմանար։
 +
 +
Կրկին նրան օգնության հասավ դաշտերի ու մարգագետինների ճարպիկ զավակը՝ Սամպսա Պելլերվոյնենը։ Վեյնեմեյնենը նրան պատվիրեց․
 +
 +
«Գնա՛ անտառը, գտիր ամենդիմացկուն ծառը, կտրիր բեր, որ նավ սարքեմ»։
 +
 +
Սամպսան վերցրեց պղնձե կոթով ոսկյա կացինը և ճամփա ընկավ։ Հասավ անտառ, մոտեցավ Սոսի ծառին, երեք սաժեն էր նրա բարձրությունը․ կացինը բարձրացրեց, որ կտրի, բայց Սոսին ասաց․
 +
 +
Սոսին ասաց․
 +
 +
«Դու ի՞նչ ես ուզում ինձանից»։
 +
 +
«Ես փնտրում եմ ծառ, որ կտրեմ ու նրանից տախտակներ քաշեմ, նավ սարքեմ»։
 +
 +
Սոսին դողդողաց ու ասաց․
 +
 +
«Չէ՛, ինձնից նավ դուրս չի գա, ուժ չի մնացել մեջս, որդը կրծել է սիրտս, արմատներս էլ թուլացել են»։
 +
 +
Պելլերվոյնենը գնաց առաջ, մոտեցավ նոճի ծառին, վեց սաժեն էր նրա բարձրությունը․ հարցրրեց․
 +
 +
«Ասա՛ ինձ նոճի, դու Վեյնեմեյնենի համար դիմացկուն նավ կդառնա՞ս։ Ջրերի վրայով սահուն կընդանա՞ս, կհնազանդվե՞ս թիերին ու ղեկին»։
 +
 +
Նոճին բարձր ձայնով պատասխանեց․
 +
 +
«Ինձանից նավ չի ստացվի․ շատ եմ ծերացել։ Իմ սաղարթներին հիմա ագռավներն են բույն դրել և ձագեր են հանում»։
 +
 +
Երբ այս լսեց Պելլերվոյնեն, մենակ շրջեց թավ անտառը և հանդարտորեն քայլելով գնաց հասավ մինչև հարավ։ Կանգնեց ինը սաժեն բարձրություն ունեցող կաղնու դիմաց։ Պելլերվոյնեն հարցում արավ։
 +
 +
Ծառերի մայր, գուցե պետք գաս, որ ռազմի համար քո փայտերից ամրակուռ նավ կառուցենք»։
 +
 +
Կաղնին հանդարտ ու խոհուն այսպես պատասխանեց նրան․
 +
 +
«Իմ սիրելի, ամրակուռ նավ կառուցելու համար շատ փայտ ունեմ․ անթերի եմ ու բարձրահասակ․ միջուկս էլ շատ ամուր է։ Հենց այս ամառ շոգ պահերին վառ արևն իմ մեջ մտավ, լուսինը շողաց իմ կատարին, ճյուղերիս նստեց ու երգեց կկուն, հետո եկան հազար հավքեր ու հազար տեսակ թռչուն և անուշ֊անուշ գեղգեղացին»։
 +
 +
Պելլերվոյնենը կացինն ուսից ցած բերեց, կտրեց կաղնին, ապա հաստ բնից շատ տախտակներ սարքեց և երբ ամեն ինչ պատրաստ էր, կանչեց Վեյնեմեյնենին։
 +
 +
Իմաստուն ծերունին երգերով և կախարդանքներով սկսեց կառուցել նավը։
 +
 +
Մեկ երգ երգեց՝ արդեն պատրաստ էր ամուր հատակը։
 +
 +
Նորից երգեց և արդեն նավի կողերը բարձրացան։
 +
 +
Երրորդ երգը երգեց և պղնձյա թիակալներն իրենց տեղում ամրացան։
 +
 +
Ամեն ինչ պատրաստ էր, բայց պետք էր նաև երեք խոսք։
 +
 +
Մեկը՝ որպեսզի ամրացվեր ղեկը։
 +
 +
Մյուսը՝ որպեսզի քառակող ողնոցը սարքվեր։
 +
 +
Երրորդ խոսքը՝ որպեսզի նավեզրերը հղկվեին։
 +
 +
Շատ մածեց իմաստուն Վեյնեմեյնենը․ «Գուցե ծիծառնակնե՞րը գիտեն այդ խոսքերը, գուցե կարապնե՞րը, կամ թերևս բադե՞րը»։
 +
 +
Նա որսաց կարապների մի ամբողջ երամ, սպանեց շատ բադեր, հարյուր և հազար ծիծեռնակներ բռնեց, բայց նույնիսկ կես խոսք էլ չիմացավ֊չգտավ»։
 +
 +
«Գուցե եղնիկի գլխո՞ւմ կա այդ խոսքը, գուցե սկյուռի լեզվի ծայրի՞ն է հմայիչ խոսքը»։
 +
 +
Եղնիկների մի ամբողջ հոտ որսաց, բազմաթիվ սկյուռներ խփեց֊շատ նոր խոսքեր լսեց, բայց չգտավ այն խոսքերը, որ օգներ իրեն։
 +
 +
Երկրի վրա ապրողները չգիտեին այդ խոսքերը։
 +
 +
Վեյնեմեյնենը որոշեց գնալ Մանալի ստորերկրյա աշխարհը, Տուոնելիի մեռյալների կացարանը֊գուցե այնտեղ գտնի երեք նվիրական խոսքերը։
 +
 +
Եվ ճամփա ընկավ իմաստուն ծերունին։ Յոթ օր անցավ մացառների միջով, էլի յոթ օր քայլեց փշատերև գիհի ծառերի միջով և դարձյալ յոթ օր քայլեց թավուտ անտառի ոլորապտույտ արահետներով, մինչև հասավ Մանալի ափերը։
 +
 +
Վեյնեմեյնենը տեսավ, որ գետի պղտոր ջրի մեջ երևում է մի աղջիկ և սպիտակեղեն է ցայում ջրում։
 +
 +
Վեյնեմեյնենը խնդրեց աղջկան․
 +
 +
«Մանալի դուստր, Տուոնելիի զավակ, տուր ինձ մի նավակ, որպեսզի կարողանամ այս գետով անցնել հասնել քո բնակած կղզին»։
 +
 +
Իսկ Մանալի դուրստրն ասաց․
 +
 +
«Դեռ ասա, ինչո՞ւ դու ողջ և առողջ եկել ես այստեղ․ ոչ հիվանդություն ես քաշել, ոչ էլ ահեղ մահն է քեզ փախցրել այստեղ հասցրել»։
 +
 +
Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Ինձ այստեղ է բերել Տուոնին, ինձ իր մոտ է կանչել Մանալի տերը։
 +
 +
Աղտջիկն այսպես խոսեց․
 +
 +
«Տեսնում եմ, որ դու ճիշտ չէս ասում, եթե Տուոնին քեզ կանչեր, դու գլխիդ գլխարկ և ձեռքիդ ձեռնոցներ կունենայիր, ինչպես բոլոր նրանք, ում ուղարկում են մեռյալների աշխարհը»։ Հապա խոստովանիր ինչո՞ւ ես եկել այստեղ»։
 +
 +
Ծերուկը պատասխանեց․
 +
 +
«Եթե ճիշտն ուզում ես իմանալ, ապա ասեմ՝ ինձ այստեղ բերեց երկաթը, դեպի այս կողմը հրեց պողպատն իր սուր ծայրով»։
 +
 +
Աղջիկն ասաց․
 +
 +
«Նորից երևում է, որ դու սուտ ես ասում․ եթե քեզ այստեղ բերեր երկաթը, եթե քեզ այս կողմն հրեր պաղպատն իր սուր ծայրով, քո զգեստներն արյունոտված կլինեին, քո վերքերից կարմիր արյուն պիտի հոսեր։ Ճիշտն ասա, Վեյնեմեյնեն, ինչո՞ւ ես եկել այստեղ»։
 +
 +
Այսպես պատասխանեց ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը․
 +
 +
«Ես քեզ կասեմ ճշմարտությունը, ինձ Մանալի ափերը հասցրին ալիքները»։
 +
 +
Տոունելիի աղջիկն ասաց․
 +
 +
«Այդ էլ ճիշտ չէ, եթե քեզ ալիքները բերեին, ապա քո շորերը թաց կլինեին։ Ավելի լավ է չխաբես և ճիշտն ասես՝ ինչո՞ւ ես եկել այստեղ»։
 +
 +
Ծերունին պատասխանեց․
 +
 +
«Լավ, չեմ խաբի, ինձ այստեղ բերեց կրակը, նրա հետ հասա Մանալի»։
 +
 +
Մանալիի այդ փոքր աղջիկն ասաց․
 +
 +
«Չէ, նորից սուտ ես խոսում, եթե քեզ կրակն այստեղ բերած լիներ, քո մազն ու մորուքն այրված կլինեին։ Ո՛վ դու ծերուկ, իմաստուն Վեյնեմեյնեն, եթե ուզում ես, որ ես քեզ նավակ տամ, մի թաքցնիր, ճիշտն ասա․ ինչո՞ւ ես եկել այստեղ, երբ ոչ հիվանդություն ես քաշել, ոչ էլ ահեղ մահն է քեզ փախցրել, այստեղ հասցրել»։
 +
 +
Այն ժամանակ ծերուկ Վեյնեմեյնեն ասաց․
 +
 +
«Տեսնում եմ, որ անհնար է քեզ խաբել։ Լսի՛ր, հիմա քեզ կասեմ ճշմարտությունը։ Ես ուզեցա ինձ համար նավ սարքել։ Երգերով և կախարդանքներով ես կառուցեցի այն, բայց հիմա ուզում եմ իմանալ այն երեք խոսքը, որպեսզի կարողանամ նավը ջուրն իջեցնել։ Եվ ահա՛, ես որոշեցի իջնել մեռյալների կացարանը, փնտրել և գտնել այդ նվիրական խոսքերը»։
 +
 +
Մանալի դուրստը զայրացավ․
 +
 +
«Ո՛վ դու տխմար, անբան մարդ։ Ո՞վ է, որ հոժար կամքով իջնում է մեռյալների կացարանը։ Քանի ուշ չէ, անմիջապես վերադարձիր քո տունը։ Ով այստեղ է գալիս, նրան այլևս վերադարձ չկա»։
 +
 +
Ծերուկ, իմաստուն Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Միայն թույլ կանայք և երեխաները կարող են վախենալ քո խոսքերից։ Դու տուր ինձ նավակը, ով Մանալի աղջիկ, որ գամ հասնեմ ձեր ափը»։
 +
 +
Աղջիկը տեսավ, որ չի կարող համոզել Վեյնեմեյնենին, ուստի իր նավակով հասցրեց կղզին։ Տուոնելիի տիրուհին եկավ երգչի դիմաց, բերեց մի մեծ թաս գարեջուր՝ երկու ձեռքով բռնած և այնպես զգույշ, որ ոչ մի կաթիլ չթափվի գետնին։
 +
 +
«Խմի՛ր, ով երգասաց»։
 +
 +
Վեյնեմեյնենը վերցրեց թասը և նախքան կխմեր, նայեց թասի հատակը։ Իսկ ի՜նչ ասես, որ չկար թասի տակ․ էլ կռկռացող գորտեր, թունավոր օձեր, եղկելի որդեր։ Վեյնեմեյնենը թափեց կեղտոտ գարեջուրը և ասաց տիրուհուն․
 +
 +
«Ես նրա համար չիջա մեռյալների կացարանը, որ ձեր գարեջուրը խմեմ։ Ով խմի կհարբի՝ նա կկործանվի»։
 +
 +
Տուոնելիի տիրուհին զարմացած հարցրեց․
 +
 +
«Ինչո՞ւ ես եկել այստեղ, Վեյնեմեյնեն․ ինչո՞ւ չես սպասել մինչև քեզ կկանչեր Մանալը»։
 +
 +
Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Ես եկել եմ, որ գտնեմ այն երեք խոսքը, որոնք պետք են ինձ իմ նավի կառուցումն ավարտելու համար»։
 +
 +
Տիրուհին ասաց․
 +
 +
«Մանալը քեզ ոչ մի խոսք էլ չի ասի․ դրանք քեզ պետք էլ չեն․ դու այստեղից այլևս չես վերադառնա, չես մտնի քո տունը, չես տեսնի քո հայրենի հողը։ Ով եկել է մեռյալների աշխարհը, նա այլևս ողջ չի վերադառնա»։
 +
 +
Տիրուհին այս խոսքերն ասաց թե չէ, Վեյնեմեյնենն ընկավ խոր քնի մեջ։ Տիրուհին կանչեց Մանալի որդիներից մեկին, որ նա հսկի եկվորին։
 +
 +
Մանալի որդին հազարից ավելի պղնձե ցանցեր բերեց դրեց սև ջրերի մեջ, իր զորեղ ձեռքերով էլ ցանցերն ամրացրեց իրար։ Տեսնե՛նք, այդ ցանցերի միջից ինչպե՞ս դուրս կպրծնի Վեյնեմեյնենը։
 +
 +
Վերջապես Վեյնեմեյնենը զարթնեց և այսպես խոսեց․
 +
 +
«Ո՛չ, իմ կյանքի վերջը չի եկել, Մանալի հզոր իշխողին չի հաջողվի ինձ զրկել իմ հայրենի աշխարհը վերադառնալու հաճույքից»։
 +
 +
Եվ իմաստուն երգիչն իսկույն ուրիշ կերպարանք առավ։ Որտեղ պետք էր իբրև օձ սողաց, մի ուրիշ տեղ էլ որդի նման կտրեց ճամփան, շատ տեղերում էլ փոքրիկ ձուկ դարձավ և դուրս եկավ Մանալի որդու ցանցերից։
 +
 +
Մանալի որդին առավոտ շուտ նայեց ցանցի մեջ։ Այնտեղ կային տեսակ֊տեսակ մեծ ու փոքր ձկներ, միայն իմաստուն Վեյնեմեյնենը չկար։
 +
 +
Իսկ այդ ժամանակ ծերուկ երգիչը վերջապես հասավ գետի ափը, լուսառատ աշխարհը և խոսեց․
 +
 +
«Ո՜վ դու բարեգութ Աստված, երբեք մի թույլ տա, որ մարդն իր կամքով գնա Մանալի աշխարհը»։
 +
 +
Ախա ջահելներին այսպես խրատեց․
 +
 +
«Երկրի զավակներ, ոչ ոքի վատություն մի՛ անեք, որպեսզի մեռյալների աշխարհում դրա հատուցումը չստանաք։ Այնտեղ մեղավորները տառապում են թեժ քարերի ու բոցկլտուն ժայռերի վրա, տանջվում են թունավոր օձի խայթոցից»։
 +
 +
 +
==Ռունա ԺԷ==
 +
 +
Վեյնեմենենը իջնում է երկրի ընդերքը և լսում է իրեն անհրաժեշտ իմաստուն խոսքերը
 +
 +
 +
Շատ ուրախացավ Վեյնեմեյնենը, որ ազատվեց Տուոնելիի մեռյալների աշխարհից, բայց սիրտը հանգիստ չէր։ Որտե՞ղ փնտրի, որտե՞ղ գտնի իրեն պետքական խոսքերը։
 +
 +
Եվ ահա՛, ճամփին հանդիպեց մի հովվի ու հարցրեց․
 +
 +
«Գուցե դու իմանա՞ս, որտեղ գտնեմ այն նվիրական երեք խոսքերը, որ ավարտեմ իմ նավակի կառուցումը»։
 +
 +
Հովիվը պատասխանեց․
 +
 +
«Այդ խոսքերը գիտի ծերուկ երգասացը, այն կախարդ հսկան՝ Վիպունենը․ նրա որովայնում դու կգտնես հարյուր երգ և հազար խոսք։ Վիպունենի մոտ տանող ճանապարհը ոչ հեշտ է, ոչ էլ դժվար։ Այդ ճամփին ցցված են ասեղներ և սրեր, ապա նաև սուր տապարներ»։
 +
 +
Հավատարիմ Վեյնեմեյնենը գնաց դարբնոցը և այսպես խոսեց․
 +
 +
«Ո՜վ հմուտ դարբին Իլմարինեն, ինձ պողպատից ոտնամաններ և երկաթե շապիկ սարքիր, հետո մի ամրակուռ լծակ շինիր։ Ես պիտի գնամ Վիպունենի մոտ, մտնեմ նրա որովայնը, որ գտնեմ այն կախարդական խոսքերը»։
 +
 +
Իլմարինենն ասաց․
 +
 +
«Վիպունենը վաղուց մեռել է, դու նրանից կես խոսք էլ չես լսի»։
 +
 +
«Բայց Վեյնեմեյնենը հագնվում է իր ուզածի նման և ճամփա է ընկնում։
 +
 +
Առաջին օրը վազելով անցավ սրածայր երկաթյա ասեղների վրայով։
 +
 +
Երկրորդ օրը բավական դժվարություն քաշելով անցավ պողպատյա սրերի վրայով։
 +
 +
Երրորդ օրն էլ օրորվելով անցավ սրած տապարների վրայով։
 +
 +
Վերջապես գտավ հսկա ծերունուն՝ Վիպունենին։
 +
 +
Երևում էր, որ ծերուկը վաղուց էր քուն մտել։ Վիպունենն իր ամբողջ մարմնով խրվել էր հողի մեջ։ Խրվել էր, ներաճել՝ արմատներ գցել․ մարմնի վրա ու շուրջ բոլորը ծառեր էին աճել․ ուսերին խոյացել էր բարդին, քունքերին կեչի ծառը․ մորուքի մեջ ճյուղեր էր արձակել ուռենին, ընչացքների մեջ լաստերն էին շարժում տերևները։ Ճակատին վերասլաց եղևնիներ էին բուսել, իսկ ատամների արանքում նոճին էր բոյ քաշել։
 +
 +
Վեյնեմեյնենը քաշեց երկաթե թուրը և սկսեց ճանապարհը մաքրել դեպի հսկայի որովայնը։ Մեկ հարվածով բարդին կտրեց, մյուս հարվածով ճակատի վրայից տապալեց եղևնին, հետո արմատից հանեց մորուքի մեջ ճյուղեր արձակած ուռենին։
 +
 +
Ապա, ինչպես մի մեծ դուռ բացի՝ հսկայի ծնոտները միմյանցից հեռացրեց, նրանց արանքում երկաթե սեպ խրեց և մտավ կարծր այտոսկրների կամարի տակ։
 +
 +
Այստեղ հսկա Վիպունենը զարթնեց, չորս կողմը նայեց, ուզեց բերանը փակել՝ չկարողացավ․ երկաթե սեպը պինդ խրված էր ատամների արանքը։ Ծերուկ հսկան ավելի լայն բացեց բերանը և երկաթե սեպի հետ կուլ տվեց նաև ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենին։ Կուլ տվեց և ինքն իրեն խոսեց․
 +
 +
«Շատ է պատահել, որ այծն ու մաքին միասին կուլ տամ, կովն իր կոտոշներով և վայրի խոզն էլ իր ժանիքներով իրար ետևից կուլ տամ, բայց դեռ չէր պատահել, որ այսպիսի կոշտ ուտելիք համտես անեմ»։
 +
 +
Հսկան հորանջեց մեկ֊երկու անգամ և նորից քնեց։
 +
 +
Իմաստուն Վեյնեմեյնենը մտածեց՝ ինչպե՞ս անեմ, որ հսկա Վիպունենին զարթնեցնեմ իր խոր քնից։
 +
 +
Եվ որոշեց հսկայի որովայնում աշխատել իբրև դարբին։ Երկաթե շապկից դարբնոց սարքեց, թևքերից փուքս շինեց, շալվարից խողովակներ հարմարեցրեց, զնդանն էլ արդեն իր ծունկը դարձրեց, մուրճն էլ նրա պինդ բռունցքն էր։
 +
 +
Գիշեր֊ցերեկ աշխատում էր Վեյնեմեյնենը և այնպես աղմուկով ու դղրդոցով, որ հսկան զարթնեց․ ներսում այրվող կրակից տառապում էր կախարդ ծերուկը․ այսպես խոսեց․
 +
 +
«Ի՞նչ մարդ ես դու, ո՞ր դյուցազունների հետ ես ընկերություն արել։ Ես հարյուր հերոս եմ կուլ տվել, հազարին էլ խժռել, բայց քո նմանին չեմ կերել։ Ո՞վ ուղարկեց քեզ, որ ինձ այսպես տանջում ես։ Դուրս արի իմ որովայնից, ով դու անպիտան շուն, թե չէ քո գլխին մեծ փորձանք կբերեմ․ իմ ամբողջ զորքը ոտքի կկանգնի․ փշատերև գիհը, հարյուր գլխանի նոճիները, սրածայր եղևնիները, դրանց հետ միասին հարյուրավոր հերոսներ զինված թրերով և նիզակներով քո դեմ կհանեմ, որ քեզ, ո՜վ հրեշ, դուրս շպրտեն»։
 +
 +
Իմաստուն Վեյնեմեյնենը իսկի բանի տեղ էլ չի դնում կախարդ հսկայի ասածները֊մուրճը խփում է զնդանին և փչում է փուքսը, ավելի է բորբոքում կրակը, բոցը հասնում է հսկայի լեզվին, թեժ ածուխը կոկորդն է այրում։
 +
 +
Վիպունենն էլ չէր կարող դիմանալ, ահեղ ձայնով գոռաց․
 +
 +
«Դու չար զավակ, ով դու անտեր շուն, դուրս արի քանի ուշ չէ։ Ասում եմ դուրս արի, նախքան արևը կծագի, նախքան աքլորը կկանչի։ Թե չէ քեզ կնետեմ գազանի որջը, կքշեմ անել ճահիճը, կխեղդեմ փրփրուն ջրվեժում․ անգղի կտուցով քեզ կհոշոտեմ, արծվի սուր ճանկերով քեզ մաս֊մաս կանեմ․ դո՛ւրս փախիր, քանի ուշ չէ գլուխդ ազատիր, քանի դեռ ողջ ես»։
 +
 +
Որովայնի խորքից այսպես պատասխանեց Վեյնեմեյնենը․
 +
 +
«Այստեղից չե՛մ հեռանա․ շատ լավ տեղ եմ ընկել․ հացի փոխարեն քո ճարպով տապակած լյարդն եմ ուտում, կրակի վրա խորովում եմ թոքերդ։ Շուտով դարբնոցս կփոխադրեմ քո սրտի մեջ և այնքան կհարվածեմ մուրճով, մինչև որ ասես նվիրական խոսքերը։ Ավանդական իմաստությունները, երգերը, որ պահում ես մտքումդ, չպե՛տք է թաղվեն հողում»։
 +
 +
Կախարդ երգիչ Վիպունենը տեսավ, որ ճար չկա՝ պետք է կատարի Կալեվալայի դյուցազունի խնդիրը։ Նա բացեց իր երգերի գանձարանը և սկսեց երգել դարերի խորքից եկող իմաստուն երգերը։
 +
 +
Առաջին երգն այն էր, թե ինչպես նախնական քաոսից ստեղծվեց աշխարհը, ― դա մի երգ է, որ հիմա ոչ փոքրերը գիտեն, ոչ մեծերը, քանի որ վատ ժամանակներ ենք հասել, հողը քիչ բերք է տալիս և հացն էլ սակավ է։
 +
 +
Հետո ծերունին հսկան երգեց երկրորդ երգը։ Երգի իմաստ այն էր, թե ինչպես Աստծո կամքով աշխարհի վրա կյանք առաջացավ և գոյացավ մթնոլորտը, ինչպես ջուրն սկիզբ առավ երկրի վրա, ապա ջրի արանքներում առաջացան ցամաքները, բերրի հողը և հողի վրա արդեն ինչպես սկսեցին աճել տեսակ֊տեսակ բույսեր։
 +
 +
Շատ երգեր երգեց կախարդ֊ծերուկ Վիպունենն այն մասին, թե ինչպես երկնքում հուրհրաց պայծառ արևը, ինչպես երկինքը լցվեց փայլփլուն աստղերով և թե ինչպես խավար գիշերի սկսեց լույս տալ լուսնկան։
 +
 +
Խոսքերն ինչպես թռչուններ թռչում էին նրա բերանից, ինչպես արագավազ ձիեր դուրս էին սլանում նրա կրծքից։
 +
 +
Երբեք Վեյնեմեյնենը չէր լսել այդպիսի սքանչելի երգեր։ Ամբողջ բնությունն էլ, արևն ու լուսինն էլ ականջ էին դնում երգչին։ Ծերուկ Վիպունենի երգերից Կալեվալայի դյուցազունը շատ իմաստություններ և խորամիտ առակներ սովորեց, ամեն տեսակ գործի վարպետություն ուսանեց։
 +
 +
Եվ ահա՛, Վեյնեմեյնենը որովայնի խորքից ձայն տվեց․
 +
 +
«Ո՛վ դու Վիպունեն, լայն բաց արա բերանդ, որպեսզի ես քո որովայնից դուրս գամ և իմ հայրենիքը վերադառնամ»։
 +
 +
Վիպունեն ասաց․
 +
 +
«Շատերին էի կուլ տվել, բայց քեզ նմանին չէի հանդիպել․ երևում է շատ խորամանկն ես, որ կարողացար որովայնս մտնել և իմաստություններին տիրանալ։ Դե, լավ է, որ հիմա գնում ես»։
 +
 +
Այս ասաց ծերունին և լայնաբերան հորանջեց։ Վեյնեմեյնը ինչպես սկյուռ՝ արագ լույս աշխարհ ելավ։
 +
 +
Նա շտապեց տուն․ մտավ եղբոր դարբնոցը։ Իլմարինենը հարցրեց․
 +
 +
«Ասա՛, գտա՞ր փնտրածդ երեք խոսքը, որ կարողանաս նավիդ կառուցումն ավարտել»։
 +
 +
Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Վիպունենի գաղտնարանից հարյուր տեսակ խոսք ու կախարդանք սովորեցի, ամեն տեսակ իմաստություն քաղեցի՝ լույս աշխարհ հանեցի»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը գնաց իր կիսասարք թողած նավի մոտ․ երգեց նոր, իմաստուն երգեր։ Նավի կողերն ավելի պնդացրեց․ ղեկն ամրացավ․ քառակող ողնոցը սարքվեց։ Վերջապես կազմ ու պատրաստ էր ամրակուռ նավը։
 +
 +
 +
==Ռունա ԺԸ==
 +
 +
Վեյնեմեյնենը և Իլմարինենը մեկնում են Պոխյոլա հարսնախոսության
 +
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը շատ ծանր ու թեթև արավ, վերջը վճռեց գնալ Պոխյոլա՝ բերել գեղեցկուհի հարսնացուին։
 +
 +
Նորից տնտղեց ամռակուռ նավակը, կարմիր ներկեց չորս բոլորը, ոսկեզօծեց առաջամասը, լուսադեմին նավակն հրեց ծովի մեջ, բարձրացրեց կապույտ առագաստը և այսպես խոսեց․
 +
 +
«Ով ամենակարող, դու օգնիր ինձ՝ թույլ մարդուս, որ հաջող նավարկեմ ծովի վրա։ Առաքիր բարենպաստ հողմեր, որ ես առանց թիերի նավս առաջ տանեմ կապույտ ծովի ընդարձակ տարածություններով»։
 +
 +
Այդ ժամանակ Իլմարինենի քույրը, Աննիկկին՝ մթնշաղի և գիշերի չքնաղ աղջիկը տեսավ, որ նավ է շարժվում ծովի վրա, ու աղջիկն այսպես խոսեց․
 +
 +
«Եթե դու եղբորս նավն ես, ապա մոտեցիր հարազատ ափին, դեպի հայրենի նավահանգիստ շուռ տուր քո ընթացքը։ Իսկ եթե դու օտար աշխարհից ես եկել, ապա շարունակիր քո ճանապարհը, հեռացիր մեր հայրենի երկրից»։
 +
 +
Աղջիկը մոտեցավ ծովափին և տեսավ, որ Վեյնեմեյնենն է նստած նավակում։ Աննինկկին հարցրեց․
 +
 +
«Ո՞ւ ես գնում Վեյնեմեյնեն, դու մեր երկրի պարծանքը, այդ ո՞ւր ես շտապում»։
 +
 +
Նավի միջից այսպես պատասխանեց ծերունին․
 +
 +
«Գնում եմ այնտեղ, ուր լոսդին հիմա ձկնկիթ է դնում, գնում եմ որս անեմ»։
 +
 +
Այն չքնաղ Աննիկկին ասաց․
 +
 +
«Գոնե այդպես բացեիբաց սուտ չասեիր, հիմա լոսդին ձկնկիթ չի դնում։ Թե որ ձուկ ես ուզում որսալ, ապա ո՞ւր է քո ձկնորսական սարքը։ Ես տեսել եմ, թե ինչպես իմ հայրը որսի էր գնում։ Նավում նա ուներ ուռկան, նստարանին երկար կարթաձողեր։ Իսկ դու ոչինչ չունես։ Ճիշտն ասա, Վեյեմեյնեն, ո՞ւր ես ուզում գնալ»։
 +
 +
Վեյնեմեյնը պատասխանեց․
 +
 +
«Ուզում եմ նավարկել դեպի սաքսոնական նեղուցը և վայրի սագեր որսալ»։
 +
 +
Աննիկկին ասաց․
 +
 +
«Ես անմիջապես իմանում եմ, թե ով է ճշմարիտը խոսում, իսկ ստախոսին տեղն ու տեղը բռնում եմ․ դու սագ որսալու ոչ մի գործիք չունես, երբ իմ հայրը գնում էր սագ որսալու, նա ուսին գցում էր նետ ու աղեղ, շունն էլ արդեն վազում էր նրա առջևից։ Դու Վեյնեմեյնեն, ինձ ճշմարիտն ասա, ո՞ւր ես գնում»։
 +
 +
Ծերուկը պատասխանեց․
 +
 +
«Ես գնում եմ այնտեղ, ուր սարսափելի կռիվ է, ուր հերոսներն իրար դեմ եմ ելել և արյունն արդեն կռվողների ծնկներին է հասել»։
 +
 +
Աղջիկն ասաց․
 +
 +
«Ո՛չ, ճշմարիտ չես ասում, ես գիտեմ, թե ոնց են կռիվ գնում․ երբ հայրս կռիվ էր գնում, հարյուր տղամարդ թիավարում էին, հարյուրն էլ նրանց կողքին կանգնած էին լինում։ Նրանք բոլորը զինված էին լինում աղեղներով և պողպատյա թրերով․ ավելի լավ է, ճիշտն ասա, թե ո՞ւր ես գնում»։
 +
 +
Ծերուկ երգիչը ստիպված խոստովանեց․
 +
 +
«Լա՜վ, ես քեզ հիմա ճշմարիտը կասեմ։ Ես գնում եմ Պոխյոլա, որ այն չքնաղ աղջնակը բերեմ, ամուսնանամ հետը, թեև գիտեմ, որ այնտեղ մարդակերներ են ապրում և հերոսներին ծովում խեղդում են»։
 +
 +
Աղջիկն այլևս չխոսեց, անմիջապես հետ դարձավ, վազեց հասավ դարբնոցը։ Եղբայրը՝ Իլմարինենը ոտից գլուխ մրի մեջ թաթախված աշխատում ու կոփում էր գործիքներ։ Աղջիկն ասաց․
 +
 +
«Եղբայր իմ Իլմարինեն, ով դու ճարտար դարբին, ինձ համար սարքիր նոր մաքոքներ, գեղեցիկ մատանիներ, երեք հատ մանյակ, հինգ վեց հատ քամար և ես քեզ ճշմարիտ բաներ կասեմ»։
 +
 +
«Թե լավ լուրեր ես բերել, թե՛ մաքոք, թե՛ մատանիներ, թե՛ քամար և ինչ ուզես կսարքեմ քեզ համար», ― ասաց Իլմարինենը։
 +
 +
Չքնաղ Աննիկկին ասաց․
 +
 +
«Լսիր եղբայր իմ, դու առավոտից մինչ երեկո մուրճովդ աշխատում ես, ամառ֊ ձմեռ պայտեր ու սահնակներ ես սարքում, թիեր ու աղեղներ ես կռում֊կոփում, այդ բոլորը նրա համար, որ գնաս ամուսնանաս Պոխյոլայի դստեր հետ։ Ուրեմն շտապի՛ր, այնտեղ է գնում Վեյնեմեյնենը, որ բերի այն չքնաղ պոխյոլցի աղջկան և հետն ամուսնանա․ իսկ այդ աղջիկը քո ընտրելին է, նրան տիրանալու համար դու Սամպոն կառուցեցիր, դե՛, շտապիր, ով ձեզանից ավելի խորամանկ է և ճարպիկ՝ նա էլ կտիրանա աղջկան»։
 +
 +
Իլմարինենը տխրեց․ մուրճը ձեռքից ընկավ, աքցանն էլ չկարողացավ բռնել․ այսպես ասաց քրոջը․
 +
 +
«Իմ սիրելի քույր Աննիկկի, ես քեզ համար կսարքեմ նոր մաքոքներ և մատանիներ, մանյակ ու քամար, ինչ որ ուզես, միայն թե բաղնիքը լավ տաքացրու, որ ես իմ վրայի կեղտն ու փոշին մի լավ մաքրեմ»։
 +
 +
Աննիկկին բաղնիքը մի լավ տաքացրեց, աղբյուրի մաքուր ջուրը եռացրեց, լցրեց ջեռ քարերի վրա և գոլորշին լցրեց բաղնիքը։ Իլմարինենը լողացավ և երբ տուն մտավ, դժվար էր ճանաչել նրան․ պարանոցը ոնց որ ճերմակ ձու, մազերը շեկլիկ, աչքերը ոնց որ պայծառ արև, այտերն էլ արդեն կարմրավուն էին։
 +
 +
Դարբինն հագավ ամենալավ զգեստները․ ասեղնագործ վերնաշապիկ, նոր մահուդի կապա, վրայից էլ փափուկ մորթուց կարված՝ բազմաթիվ զարդարանքներով մուշտակ։
 +
 +
Աննիկին եղբորը տվեց այն քամարը, որ մայրն հյուսել էր աղջիկ ժամանակը․ հագցրեց ձեռնոցներ, որ մայրն հյուսել էր, երբ դեռ նորահարս էր։ Եղբոր գլխին էլ դրեց այն գլխարկը, որ հայրը հարսանիքի օրն էր ծածկել։
 +
 +
Դռանն արդեն պատրաստ էր սահնակը։ Ստրուկը լծել էր ամենաուժեղ ձին։ Սահնակի աղեղին էլ նստած էին վեց երգեցիկ թռչուններ, զնգզնգում էին յոթը զանգակներ։ Սահնակին փռված էր արջի մորթի և փոկի մուշտակ։
 +
 +
Իլմարինենը մի ձեռքում ձիու սանձն առավ, մյուսում մտրակը, ճամփա ընկավ և այսպիսի խոսքերով դիմեց բարձրայլին․
 +
 +
«Ով դու, ամենազոր Ուկկո Աստված, հրամայիր որ երկնքից փափուկ ձյուն տեղա իմ ճամփին, որ իմ սահնակը հեշտությամբ սահի ու շուտ տեղ հասնի»։
 +
 +
Բարձրայլն Ուկկոն կատարեց նրա խնդիրը․ ճամփին փափուկ ձյուն տեղաց, Իլմարինենի սահնակը ծովափով արագ գնաց մեկ օր, երկու օր և վերջապես երրորդ օրը հասավ Վեյնեմեյնենին, որ ծովափից քիչ հեռու նավարկում էր․ նա դիմեց երգչին․
 +
 +
«Ո՛վ ծերուկ Վեյնեմեյնեն, տեսնում եմ, որ Պոխյոլայի այդ աղջիկը կռվախնձոր է դարձել մեր մեջ, արի պայման դնենք՝ նրան չառնենք զոռով։ Ում որ աղջիկն հոժար կամքով կհավանի, թող նա էլ դառնա այդ չքնաղ աղջկա ամուսինը»։
 +
 +
Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Սիրով համաձայն եմ այդ պայմանիդ․ ես աղջկան զոռով չեմ վերցնի․ իր հոժար կամքով ումը կընտրի աղջիկը, թող նրա հետ էլ ամուսնանա։ Եթե աղջիկն ինձ չհասնի, ես չեմ թշնամանա և ոխ չեմ պահի քո դեմ»։
 +
 +
Եվ ամեն մեկը շարունակեց իր ճամփան։ Ճողփելով ջուրը լողում էր նավակը, գետինը թնդացնելով սահնակն էր թռցնում հրեղեն ձին։
 +
 +
Եվ ահա՛ լսվեց շների ուժեղ հաչոց։ Պոխյոլայի մռայլ տերը չգիտեր, թե իր մոտ մարդիկ են գալիս։ Տան պահապան շունն ինչ֊որ հոտ է առել։ Հայրն ասաց աղջկան․
 +
 +
«Դստրիկս, գնա՛, տե՛ս, ո՞ւմ վրա է հաչում շունը»։
 +
 +
Աղջիկն ասաց․
 +
 +
«Առանց դրան էլ շատ գործ ունեմ․ ես պիտի գոմը մաքրեմ, կովերին խնամեմ, երկանք աղամ․ էլ ո՞նց հասնեմ֊տեսնեմ, թե շունն ինչո՞ւ է հաչում»։
 +
 +
Իսկ շունն հա հաչում է։
 +
 +
Պոխյոլայի տերն այս անգամ կնոջն ասաց․
 +
 +
«Այ պառավ, գնա տես, թե ինչո՞ւ է մեր շունը հաչում»։
 +
 +
Պառավն ասաց․
 +
 +
«Դրա ժամանակը չէ․ ես հազիվ ճաշը պատրաստեմ, դեռ խմորն էլ չեմ հունցել, որ հաց թխեմ»։
 +
 +
Պոխյոլայի տերը բարկացավ․
 +
 +
«Կանայք միշտ պատճառ են փնտրում, որ գլուխ պահեն․ կամ վառարանին կպած տաքանում են, կամ էլ թավալվում են անկողնում․ ապա, տղաս, դու գնա տես, թե ինչո՞ւ է շունն հաչում․ մեր գամփռը երբեք իզուր տեղը չի հաչա»։
 +
 +
Երիտասարդը պատասխանեց․
 +
 +
«Ես ավելի կարևոր գործով եմ զբաղված․ կացինը պիտի սրեմ, ոստղոտ փայտերը պիտի ջարդեմ, վառելիք պատրաստեմ և վառարանը վառեմ»։
 +
 +
Պոխյոլայի տիրոջ զայրույթին էլ չափ չկար։ Ինքը գնաց տեսնի, թե ինչո՞ւ է շունն հաչում։ Գամփռը ցռուկը մեկ դեպի ծովի կողմն է դարձնում, մեկ բլուրներին է նայում։ Ինքը տերն էլ նայեց ծովի կողմը և տեսավ, որ ճեղքելով ծովի ալիքները, դեպի իրենց ափն է գալիս կարմիր մի նավ՝ ծածանելով կապույտ առագաստը։ Հետո նայեց բլուրների կողմը, տեսավ որ դեպի իր տունն է գալիս մի զարդարուն սահնակ․
 +
 +
Պոխյոլայի տերը տուն մտավ և ասաց․
 +
 +
«Մեզ մոտ օտար մարդիկ են գալիս․ մեկը նավով, մյուսը սահնակով․ ո՞նց իմանանք, լա՞վ գործի համար են գալիս, թե՛ կռիվ անելու»։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին՝ Լոուխին ասաց․
 +
 +
«Հիմա կիմանանք, ― և աղջկանը կարգադրեց, ― սնձենին դիր կրակը, թե այդ ընտիր փայտը այրվելիս արյուն դուրս տվեց, ուրեմն մեզ վրա կռիվ են գալիս, իսկ եթե այրվելիս ջուր ծլծլաց, կնշանակե, թե լավ գործի համար են գալիս»։
 +
 +
Աղջիկը փայտը դրեց կրակարանը ու քիչ հետո եկավ մորն ասաց․
 +
 +
«Ո՛չ արյուն տվեց փայտը, ոչ էլ այրվելիս ջուր ծլծլաց, այլ մեղր սկսեց ծորալ փայտից»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
«Եթե փայտից սկսեց մեղր ծորալ, ուրեմն փեսացուներ են եկել։ Աղջի՛կս, լա՛վ իմացիր, նրանցից չես կարող ազատվել․ ձին օտար աչքից կարելի է թաքցնել, բայց գեղեցիկ աղջկան ինչպես էլ թաքցնես միևնույն է, փեսացուները նրան կգտնեն․ թեկուզ աղջկան քարե ամրոցի մեջ պահես, թեկուզ ծովի հատակում թաքցնես՝ նորից կգտնեն»։
 +
 +
Պառավը դուրս եկավ, մեկ էլ նայեց և ճանաչեց եկողներին․ աղջկանն ասաց․
 +
 +
«Այն որ գալիս է նավակով, դա ծերուկ Վեյնեմեյնենն է։ Իր նավակի մեջ նա ունի շատ թանկագին գանձեր։ Նա շատ իմաստուն և հզոր երգասաց է։ Իսկ նա ով գալիս է սահնակով, դա դարբին Իլմարինենն է․ նա գալիս է դատարկ ձեռքով, նրա ունեցածը ծուխ ու մուր է․ նրա սահնակում միայն խոստում կա։ Հենց որ նրանք տուն կմտնեն, կնստեն, որ հանգստանան, դո՛ւ, աղջիկս, մի աման մեղր բեր, և մեղրը կտաս նրան, որին ընտրել ես քեզ փեսացու։ Վեյնեմեյնենին տուր մեղրով լի ամանը, նա իր նավակում շատ ոսկի և արծաթ ունի»։
 +
 +
Գեղեցիկ աղջիկն այսպես խոսեց․
 +
 +
«Մայր իմ, դու ծնել, կերակրել ու մեծացրել ես ինձ, իմացի՛ր, ես հարուստ փեսացու չեմ ուզում։ Ես ծերուկ Վեյնեմեյնենին մարդու չեմ գնա։ Իմ ամուսինը պետք է գեղեցիկ լինի թե դեմքով, թե կազմվածքով։ Չի կարելի աղջկան ծախել։ Ես երիտասարդ Իլմարինենին եմ ինձ փեսացու ընտրում, թող նա գանձեր չունենա, բայց չէ՞ որ նա է կռել֊կոփել հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
«Դու հիմար ես, ինչպես գառնուկ, Իլմարինենը դարբին է, ոտն ու գլուխը շարունակ մրոտ․ նրան առնես, որ հա՛ նրա կեղտոտ շապիկնե՞րը լվանաս»։
 +
 +
Այսպես պատասխանեց աղջիկը․
 +
 +
«Ծերուկ Վեյնեմեյնենին չեմ ուզում պահապան դառնամ․ ես նրա հետ չեմ կարող ապրել, ձանձրալի կդառնա կյանքը ծերուկի հետ»։
 +
 +
Եվ ահա քիչ անց տուն մտավ Վեյնեմեյնենը ու դիմեց աղջկան․
 +
 +
«Կուզե՞ս, ով չքնաղ աղջիկ, կյանքդ կապես ինձ հետ, դառնաս իմ կինը, դառնաս իմ սիրած թռչնակը»։
 +
 +
Պոխյոլայի գեղեցկուհին իսկույն հարցրեց․
 +
 +
«Իսկ դու ինձ համար նավակ սարքեցի՞ր իմ իլիկների կտորտանքից»։
 +
 +
Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Ես քեզ համար ավելի լավ նավակ սարքեցի, քան ինքդ ուզեցիր․ այս նավակը ոչ անձրևից, ոչ էլ քամուց չի վախենում․ փրփուրի նման անցնում է ալեկոծ ծովի վրայով, ծաղկի նման ճոճվում է ծովի հարթությունների վրա։ Իմ նավը ծովի վրա իրեն ավելի ամուր ու հաստատ է պահում, քան տունն է կանգնած հողի վրա»։
 +
 +
Պոխյոլայի գեղեցկուհին այսպես պատասխանեց։
 +
 +
«Չեմ ուզում այն մարդուն, որ մշտապես ծովի ալիքների վրա է ապրում․ նրա խելքը քամին կտանի, ուղեղը կծեծեն հողմերը․ ո՛չ, կյանքս չեմ կապի քեզ հետ, չեմ ուզում, ծերուկ քո թռչնակը դառնալ, չեմ ուզում քո անկողինը սարքել և փափուկ բարձ դնել գլխիդ տակ»։
 +
 +
 +
==Ռունա ԺԹ==
 +
 +
Պոխյոլայի գեղեցկուհին ընտրում է իր փեսացուն, բայց նախքան ամուսնանալը պառավ Լոուխին փեսացուին տալիս է մի քանի դժվար հանձնարարություններ․ հարսնացուի խորհրդով, փեսացու Իլմարինենը գլուխ է բերում բոլոր հանձնարարությունները
 +
 +
 +
Իլմարինենն, այն ճարտար դարբինը, խրճիթ մտավ։ Աղջիկն անմիջապես ամանով լի անուշիկ մեղր հրամցրեց նրան։
 +
 +
Դարբինն ասաց․
 +
 +
«Ամողջ կյանքումս ես մի կաթիլ մեղր բերանս չեմ առնի, եթե կնության չտաք այս չքնաղ աղջկան»։
 +
 +
Պառավ Լոուխին ասաց․
 +
 +
«Որպեսզի աղջկանս քեզ կնության տամ, պետք է արժանի լինես տիրանալու իմ չքնաղ դստերը, որ երկնքի ու երկրի զարդն է, գեղեցիկ է գարնան ծաղկի պես։ Ա՛յ, եթե կարողանաս վարել, ցանքսի համար փխրացնել այն դաշտը, որտեղ վխտում են օձերը, միայն այն ժամանակ աղջիկս կհագնի հարսանեկան զգեստները, կհագնի իր ոտնամանները և քո կինը կդառնա»։
 +
 +
Ճարտար դարբինն այսպես խոսեց․
 +
 +
«Շատ վատ է քո հիշողությունը, տիրուհի․ ուրիշ խոսքեր էին քո լեզվի վրա, երբ ես գեղեցիկ կափարիչով հրաշք֊ինքնաղաց Սամպոն էի կառուցում»։
 +
 +
Դարբինն անմիջապես գնաց աղջկա սենյակն ու ասաց․
 +
 +
«Հիշո՞ւմ ես չքնաղ աղջիկ, երբ ես Սամպոն կառուցեցի, դու ամենաբարձրայլի առաջ  սուրբ երդում տվիր, որ իմ կինը կդառնաս, իմ սիրելի թռչնակը կլինես։ Մայրդ քեզ ինձ կնության չի տա, եթե ես օձերով լցված դաշտը չվարեմ»։
 +
 +
Հարսնացուն այսպիսի խորհուրդ տվեց փեսացուին․
 +
 +
«Ով դու ճարտար դարբին Իլմարինեն, արծաթից խոփ սարքիր և ոսկեզօծիր․ դրանով դու դաշտը շատ արագ կվարես, օձերին էլ կտոր֊կտոր կանես»։
 +
 +
Դարբինը հնոցում ոսկի և արծաթ լցրեց ու մի լավ խոփ սարքեց, հետո երկաթե ոտնամաններ շինեց, պղնձե փաթաթաններ թրծեց սրունքների համար, ապա պողպատե վերնաշապիկ և քարե ձեռնոցներ սարքեց․ գութանին էլ լծեց կայծակնացայտ ձի և գնաց դաշտը։
 +
 +
Օձերն հենց դարբնին տեսան, ֆշշոցով գլուխները բարձրացրին, ձգեցին իրենց երկար վիզը և լայն բացելով բերանները՝ թունավոր լեզուները հանեցին և չորս կողմից վրա տվին դարբնին։
 +
 +
Բայց դարբինը չվախեցավ․ ասաց․
 +
 +
«Օձեր, ձեզ էլ Աստված է ստեղծել, բայց հեռացեք իմ ճամփից, հեռացեք այս դաշտից և գնացեք անտառի խորքերը, մտեք ճահիճների եղեգների մեջ։ Եթե այստեղից չեք հեռանա, ապա բարձրյալն Ուկկոյի կամքով ես ձեր գլուխը կջախջախեմ և դաշտը կմաքրեմ»։
 +
 +
Եվ մտրակեց ձիուն․ խոփը ջարդոտելով օձերի գլուխն ու մեջքը, դաշտը վարեց․ քիչ հետո դաշտը մաքրված էր։ Իլմարինենը դարձավ տուն և դիմեց տիրուհուն․
 +
 +
«Դե, ես արեցի այն, ինչ դու պատվիրեցիր․ հիմա քո սիրասուն ծաղկին, քո աղջկան ինձ կնութայն կտա՞ս»։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին պատասխանեց․
 +
 +
«Ո՛չ, դու արժանի չես իմ աղջկան․ երբ բռնես Տոունելիի արջին, երբ Մանալի անտառից բռնես բերես գայլին, այն ժամանակ իմ սիրասուն աղջիկը քեզ կնության կտամ»։
 +
 +
Դարբինը գնաց աղջկա մոտ, ասաց թե ինչ է պահանջում մայրը․
 +
 +
Աղջիկը փեսացուին խորհուրդ տվեց․
 +
 +
«Ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես բռնես գայլին, ինչպես բերես արջին․ պողպատյա սանձ սարքիր և երկաթե երկար պարան․ դրանցով թե գայլին կբռնես, թե արջին»։
 +
 +
Դարբինը պողպատե սանձն ու երկաթե պարանը սարքեց և գնաց Տուոնելիի անտառն ու այսպիսի խնդրանք արավ․
 +
 +
«Ով դու Դումանի դուստր Տերհենետյար, դու անտառը պատիր մեգ֊մառախուղով, որ գազաններն իմ ոտնաձայնը չլսեն և չկարողանան փախչել»։
 +
 +
Անտառի դուստրը նրա խնդիրը կատարեց։ Իլմարինենն երկաթե պարանով կապեց արջի երախը, պողպատե սանձով սանձեց գայլին, վերադարձավ տուն ու դիմեց տիրուհուն։
 +
 +
«Դե, աղջկանդ տուր ինձ կնության։ Արջն էլ, գայլն էլ բռնել֊բերել եմ»։
 +
 +
Իսկ չար Լոուխին նորից ասաց․
 +
 +
«Չէ՛, դեռ էլի անելիք ունես․ իմ քնքուշիկ աղջկան քեզ կնության կտամ, եթե առանց ցանցի և ուռկանի Տուոնելիի խոր ջրերի միջից բռնես֊բերես չաղ֊խոշոր գայլաձուկը։ Իմացի՛ր, շատերն են փորձել այնտեղ որսալ այդ ձկան, բայց գնացողը ետ չի եկել»։
 +
 +
Իլմարինենը շատ մտահոգվեց, շատ տխրեց, մտավ աղջկա սենյակն ու ասաց․
 +
 +
«Մայրդ ինձ նոր, շատ դժվար բան է պարտադրել։ Տուոնելիի մռայլ ջրերում պետք է գայլաձուկ որսամ։ Բայց ոչ ցանց ունեմ, ոչ էլ հարմար ձկնորսական սարք»։
 +
 +
Իսկ Պոխյոլայի գեղեցկուհին դարձյալ հանգստացրեց փեսացուին և խորհուրդ տվեց․
 +
 +
«Ոհ, ճարտար դարբին, երբեք մի ընկճվիր։ Քո հնոցում մի հրեղեն արծիվ սարքիր և նա քեզ համար Տունելիի ջրերում կորսա ամենամեծ և չաղ գայլաձուկը»։
 +
 +
Դարբինը գործի անցավ․ կոփեց հրեղեն արծիվ․ թաթերը երկաթից, ճանկերը պողպատից, թևերն էլ պղնձից էին։ Չէր կարելի ասել, թե դա ամենամեծ արծիվն էր, բայց և փոքր էլ չէր․ կտուցը հարյուր սաժեն էր, լեզուն վեց նիզակաչափ, ամեն մի ճանկը՝ ոնց֊որ սուր գերանդի։
 +
 +
Իլմարինենը նստեց արծվի մեջքին և այսպիի պատվեր տվեց․
 +
 +
«Ով դու սիրելի արծիվ, թռիր այն կողմը, որ կողմը կհրամայեմ ես։ Տուոնելիի ջրերից դու պիտի որսաս մեծ֊չաղ գայլաձկան»։
 +
 +
Ասաց֊չասաց՝ արծիվը թափահարեց թևերը և օդ բարձրացավ․ մեկ թևով դիպչում էր ծովի ալիքներին, մյուսով հասնում է ամպերին․ ճանկերով ծովի հատակից ավազ էր հանում, կտուցով խփում էր ծովափի ժայռերին։
 +
 +
Եվ քիչ անց Իլմարինենին իջեցրեց Տուոնելիի սև ջրերի ափին։
 +
 +
Դարբինը քայլում է գետափով, փրփրոտ ալիքների մեջ որոնում է մեծ֊չաղ գայլաձկան, իսկ հրեղեն թռչունը թևածում է նրա գլխավերևում՝ պահպանում է իր տիրոջն ամեն տեսակ վտանգից։
 +
 +
Եվ ահա գայլաձուկը երևաց գետի ալիքների վրա․ լեզուն կացնի նման սուր է, ատամները՝ ոնց որ փոցխ․ մեջքին կարող է յոթը նավակ տեղավորվել։
 +
 +
Բացեց իր երախը գայլաձուկը և ուզում է կուլ տալ ճարտար դարբնին։
 +
 +
Բայց արծիվը հոգնած չէր․ վերևից թափով ընկավ նրա մեջքին, սուր ճանկերով չանգռեց գայլաձկան մեջքը և ուզում էր քարշ տալ, ափ հանել։
 +
 +
Գայլաձուկն էլ քնած չէր, թափ տվեց իրեն և սուր ատամներով բռնեց արծվի ճանկը։
 +
 +
Գայլաձուկը արծվին քաշում է դեպի հատակը։
 +
 +
Իսկ արծիվն է գայլաձկան քաշում է դեպի ափը։
 +
 +
Շատ քաշքշեցին իրար։ Արծիվն սկսեց թուլանալ․ ամբողջ ուժով թափահարեց հզոր թևերը, այնպես որ քամի բարձրացավ և ճանկն ազատեղ գայլաձկան երախից։
 +
 +
Հզոր արծիվը թևածեց գետի վրայով և կրկին նետվեց գայլաձկան վրա։ Այս անգամ մեկ մագիլը խրեց ձկան ուսի մեջ, մյուսով կառչեց ժայռին։
 +
 +
Արծիվը գայլաձկան ուզում է դուրս բերել գետից։
 +
 +
Գայլաձուկն ուզում է արծվին քաշել գետի հատակը։
 +
 +
Այս անգամ էլ արծիվը չկարողացավ հաղթել որսին։ Թեև ահռելի ձկան մեջքը պատռտված էր և մսերը քարշ էին ընկել կողերին, բայց գետի գայլն ազատվեց արծվի սուր ճանկերից։
 +
 +
Հրեղեն արծիվը մեկ էլ պտույտ եկավ օդում և երկրորդ անգամ հարձակվեց գայլաձկան վրա։ Թևերից բոցեր են ցայտում, աչքերից կայծեր։ Այս անգամ թռչունն իր բոլոր ճանկերը խրեց գայլաձկան մարմնի մեջ։ Հսկա ձկան թեփուկներից Մանալի ջրերը պսպղացին, իսկ արծվի փետուրներից շրջապատը մթագնեց։
 +
 +
Գայլաձուկը թպրտում էր արծվի պողպատե մագիլներում և չէր կարողանում ազատվել։ Իսկ արծիվը որսին պինդ սեղմած իր հզոր մագիլներում, օդ բարձրացավ։ Տեսավ քիչ հեռու մի առատաճյուղ կաղնի։ Արծիվն իր որսով իջավ կաղնու վրա, ուզեց ձկան համը տեսնել։ Եվ ահա՛ նա իր մագիլներով ծովային գայլի գլուխը բաժանեց մարմնից, մարմինն էլ մաս֊մաս արավ ու կերավ․ մնաց գլուխը։
 +
 +
Իլմարինենն այս որ տեսավ, ասաց․
 +
 +
«Այ դու թևավո՛ր, լավ օգնական չես, ինչ որսացիր՝ այն էլ կերար․ ես ինչ տանեմ Պոխյոլայի տիրուհուն»։
 +
 +
Արծիվն ասաց․
 +
 +
«Թողել եմ գլուխը․ սրանից Պոխյոլայի տիրուհու համար սեղան կսարքես»։
 +
 +
Իլմարինենը ձկան գլուխը բերեց տվեց Պոխյոլայի տիրուհուն և ասաց․
 +
 +
«Քո հրամանով ես հերկեցի օձերով լի դաշտը․ հետո հրամայեցիր, որ գնամ Մանալի անտառը և բռնեմ արջին ու գայլին․ այդ հրամանդ էլ կատարեցի։ Վերջապես հրամայեցիր որպեսզի Տուոնելիի ջրերում որսամ մեծ ու չաղ գայլաձկան․ ահա այդ հրամանդ էլ կատարել եմ․ հիմա ասա, վստահո՞ւմ ես ինձ․ աղջկանդ ինձ կնության կտա՞ս»։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին ասաց․
 +
 +
«Բայց վերջին հրամանս լավ չես կատարել․ գայլաձկան միսը կերել, միայն գլուխն ես բերել»։
 +
 +
Ճարտար դարբինը պատասխանեց․
 +
 +
«Ես ամենադժվար տեղից գայլաձուկ եմ որսացել․ իհարկե, այդպիսի ծանր գործի մեջ մի բան էլ կարող է թերի մնալ։ Դե, ուրեմն, ինձ կնության տուր քո աղջկան, որին տենչացել եմ երկար ժամանակ»։
 +
 +
Այստեղ Պոխյոլայի տիրուհին վերջապես ասաց Իլմարինենին ցանկալի խոսքերը․
 +
 +
«Այո, հիմա իմ աղջիկը քեզ կնության կտամ․ տարիներ շարունակ դու տենչացել ես նրան։ Քեզ եմ տալիս իմ քնքուշիկ, իմ հարազատ դստրիկը, թող նա քե՛զ, ո՛վ Իլմարինեն, դառնա կյանքի ընկեր, դառնա քո սիրելի թռչնակը»։
 +
 +
Վեյնեմեյնենը որ տեսավ, թե ինչ կատարվեց․ շատ տխրեց ու այսպես խոսեց․
 +
 +
«Ավա՜ղ, ինձ ծերուկիս․․․ Ես պետք է ջահել ժամանակս ամուսնանայի։ Ով ջահել օրերին տուն ու տեղ է դրել, ընտանիք է կազմել ու երեխաներ ունեցել, նա իր բախտից չի գանգատվի»։
 +
 +
Եվ ծերուկը տխուր֊տրտում մտածում էր, որ հասակն առած մարդը չպիտի մրցի երիտասարդի հետ, երբ մտադրվում է ամուսնանալ։
 +
 +
 +
==Ռունա Ի==
 +
 +
Հարսանեկան խնջույքի համար մեծ ցուլն են մորթու, գարեջուր պատրաստում
 +
 +
 +
Հիմա երգենք այն մասին, թե ինչպիսի խնջույք սարքեց մռայլ Պոխյոլայի տիրուհին։
 +
 +
Թող բոլորը տեսնեն, թե նշանավոր տոհմի աղջկան ինչպիսի փառքով ու շուքով են ճամփու դնում։
 +
 +
Շատ հյուրեր պիտի կանչեն հարսանիքին, ուրեմն պետք է այնպիսի մսացու, որը բոլորը լիանան։
 +
 +
Եվ պառավն ընտրեց մի ցուլ․ ոչ շատ մեծ էր այդ ցուլը, ոչ էլ փոքր․ կոտոշները հարյուր սաժեն էին, ռեխը՝ հարյուր հիսուն։ Ծիծեռնակը նրա մեկ կոտոշից մյուսը թռչում էր հազիվ մի օրում․ ծիտիկն էլ նրա վզի շուրջը յոթ օրում կարող էր փաթ տալ, իսկ սկյուռը գլխից մինչև պոչը հազիվ անցներ մեկ ամսում։
 +
 +
Հարյուր ամենաուժեղ այրեր բռնել էին ցուլի կոտոշներից և հազար քաջ տղամարդ էլ քշում բերում էին հսկա ցուլին։ Բայց ոչ ոք, ո՛չ ահել, ո՛չ ջահել սիրտ չեն անում, չեն համաձայնում մորթել ահեղ ցուլին։
 +
 +
Եվ իր համար արածում է ցուլը։ Դունչը խոտերին է դիպչում, իսկ մեջքն ամպերն է քերում։
 +
 +
Իսկ ով ուզում է մոտենալ, ցուլն իր սև աչքերը խոժոռում է այդ մարդու վրա, և մարդը, թե երկու ոտք ունի, երկու ոտք էլ փոխ առած փախչում, պահվում է թփուտներում, կամ մագլցում ծառն ի վեր։
 +
 +
Հապա ո՞վ պիտի մորթի հարսանիքի մսացուն։ Ո՞րտեղ գտնել այդ քաջ մարդուն։ Եվ փնտրում են այդ սրտոտ մարդուն Կարելիայի անտառներում, փնտրում են Պոխյոլայի դաշտերում, փնտրում են քաջակորով շվեդների երկրում, փնտրում են ռուսների հյուրընկալ հողում, բայց ոչ մի տեղ հարմար մարդ չեն գտնում։
 +
 +
Եվ ահա՛ հանկարծ ծովից դուրս եկավ մի տարեց դյուցազն։ Հսկաների մեջ նա ոչ ամենքից մեծն էր, ոչ էլ ամենափոքրը։ Կարող էր տեղավորվել փայտե թասի հատակում, կամ էլ թե մաղի տակ։ Նրա բռունցքները երկաթից էին, գլխին քարե գլխարկ ուներ, ոտքերն ու սրունքներն էլ պինդ էին ժայռի պես։ Ձեռքին ուներ պղնձե դաստակով ոսկե դանակ։
 +
 +
Դյուցազնը անվախ մոտեցավ ցուլին․ մի հարվածով դանակը խրեց նրա կոկորդը և հսկա կենդանին ինչպես հնձված ցողուն՝ թավալվեց գետնին։
 +
 +
Ամեհի ցուլի միսը հազիվ տեղավորվեց հարյուր ղազանում, հարյուր սաժեն երշիկ պատրաստեցին, վեց տակառ ճարպ հալեցին, յոթ տակառ էլ արյուն քամեցին։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին ասաց․
 +
 +
«Ի՜նչ հարսանիք, որ առատ գարեջուր չունենանք»։
 +
 +
Եվ սկսեց պատրաստել խմիչքը։ Գարեջուր պատրաստելու համար նախ ջուր էր հարկավոր։ Տիրուհին հրամայեց բերել մի կաթսա։ Ոչ շատ մեծ էր այդ կաթսան, ոչ էլ փոքր։ Իր ծառաներին հրամայեց ջրով լցնել կաթսան։
 +
 +
Աղբյուրները ցամաքեցին, ջրհորները դատարկվեցին, մինչև կաթսան պռնկե֊պռունկ լցվեց։
 +
 +
Ջուրը շատ էր, բայց միայն ջրով գարեջուր չես պատրաստի։ Պոխյոլայի տիրուհին կաթսայի մեջ գարու հատիկներ լցրեց, հետո արդեն թթխմոր ավելացրեց, որպեսզի լավ, համով գարեջուր պատրաստի։
 +
 +
Պետք էր նաև ուժեղ կրակ գարեջուրն եփելու համար։
 +
 +
Այնքան վառելափայտ կտրեցին, որ Պոխյոլայի անտառները ցանցառացան։ Ապա մի այնպիսի խարույկ թեժացրին, որ ծուխը մինչև երկինք բարձրացավ։
 +
 +
Հետո կաթսան կրակի վրա դրին և բերանը կափարիչով փակեցին, որ եփվի և անուշ գարեջուր ստացվի։
 +
 +
Երեք օր ու երեք գիշեր անցավ, բայց անուշ խմիչքը դեռ պատրաստ չէր, գարեջուրը դեռ չէր փրփրում։
 +
 +
«Էլի ի՞նչ գցենք կաթսայի մեջ, ― մտածեց պառավ Լոուխին։
 +
 +
Այստեղ պառավին օգնության հասավ Կալեվալայի չքնաղ դուստրը՝ Օսմոթարը։ Գետնին ընկած էր մի տաշեղ․ աղջիկը վերցրեց, դրեց ափի մեջ՝ շփեց և հանկարծ սենյակում սկսեց վազվզել մի փափկամորթ սկյուռ։
 +
 +
Աղջիկն ասաց․
 +
 +
«Անտառի ուրախ բնակիչ, շուտ վազ տուր, մտիր կանաչ պուրակը, բեր եղևնու կոն և սոճու տերևներ»։
 +
 +
Սկյուռը վազեց հասավ անտառ, հավաքեց եղևնու կոներ, մի կապոց էլ սոճու տերևներ և բերեց հանձնեց աղջկան։
 +
 +
Օսմոթարը կոները և սոճու թարմ, բուրումնավետ տերևները գցեց կաթսայի մեջ, բայց կաթսայում խմիչքը չփրփրեց, անուշ գարեջուր չստացվեց։
 +
 +
Շատ տեսակի ծաղիկներ գցեցին ամանի մեջ բայց էլի ապարդյուն։
 +
 +
Հանկարծ աղջիկը տեսավ գետնին ընկած մի մարխիկ, վերցրեց դրեց ափի մեջ, շփեց և ահա՛ սենյակում սկսեց վազվզել մի դեղին կզաքիս։
 +
 +
Օսմոթարն ասաց․
 +
 +
«Ոսկեղենիկ կզաքիս, ճարպիկ գազանիկ, շուտ վազիր հասիր անտառի խորքը, մտիր արջի որջը և հենց նրա երախից ինձ փրփուր բեր»։
 +
 +
Կզաքիսը վազեց ընդարձակ դաշտերով․ անցավ գետերը, բարձրացավ ժայռերը, ապա մտավ անտառի խորքը, այնտեղ ուր արջերն են ապրում։ Արջի մռութից փրփուր էր կաթում, կզաքիսն իր թաթիկներով բերեց փրփուրը և հանձնեց աղջկան։
 +
 +
Օսմաթորը արջի բերնից առնված փրփուրը լցրեց կաթսայի մեջ, բայց էլի ուզած գարեջուրը չստացվեց։
 +
 +
Օսմաթարը մտածեց․ «Էլ ի՞նչ ավելացնեմ, էլ ի՞նչ գցեմ կաթսայի մեջ, որ ստացվի փրփրուն, անուշ գարեջուր»։
 +
 +
Եվ ահա՛ Կալեվալայի չքնաղ դուստրը, այն, որի ձեռքերն այնքան քնքուշ են, այն աղջիկը, որ թեթև ոտնամաններ է հագել և քայլում է շատ արագ, այս անգամ գետնին ծառի կեղև տեսավ, վերցրեց ու ասաց․
 +
 +
«Տեսնենք սրանից ի՞նչ կստացվի»։
 +
 +
Օսմաթարը կեղևը տրորեց ձեռքի ափերի մեջ, ապա տրորեց երկու զիստերի վրա և ահա՛ օդում սկսեց թռչկոտել մի թավամազ մեղու։
 +
 +
Աղջիկն ասաց մեղվին․
 +
 +
«Ո՛վ դու արագաթռիչ մեղու, թռի՛ր այնտեղ, որտեղ կհրամայեմ ես, թռի՛ր հասիր կապույտ ծովի մեջտեղում գտնվող կղզին․ այնտեղ, բուրավետ ծաղիկների մեջ ննջում է մի աղջիկ։ Դու ամենաընտիր մեղրատու ծաղիկներից հավաքիր քաղցրիկ հյութը և բեր դիր իմ ափի մեջ»։
 +
 +
Արագաթռիչ մեղուն կարճ ճամփով կտրում֊անցնում է դաշտերը, թռչում է կապույտ ծովի վրայով, հասնում է կղզին։ Տեսնում է մի սիրունիկ աղջիկ ննջում է մեղրատու ծաղիկների մեջ։ Մեղուն իր թևիկների, իր կնճիթի վրա ծաղիկներից վերցնում է անուշիկ հյութը և բերում դնում է Օսմաթորի ափի մեջ։
 +
 +
Կալեվի դուստրը մեղրատու ծաղիկների հյութը գցում է կաթսայի մեջ։ Վերջապես հեղուկը սկսում է խմորվել, փրփրել և քիչ հետո արդեն կաթսայի պռունկներից սկսում է թափվել անուշիկ գարեջուրը։
 +
 +
Գարեջուրն իսկույն լցնում են կաղնյա տակառների մեջ, բերանը պինդ փակում են և դնում մութ նկուղում, որ հարսանիքի հանդեսին հրամցնեն հյուրերին։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին հրամայեց, որ սկսեն հարսանիքի համար կերակուրներ պատրաստել․ հարյուր ղազանի մսերն սկսեցին կամ խաշել, կամ մեծ թավաների մեջ տապակել։ Մի քանի ղազան էլ ձավարի շիլա դրին օջախների վրա։ Հացն էլ բաղա՛րճ֊բաղա՛րճ՝ կիտեցին բլուրների նման։
 +
 +
Եվ ահա՛ քիչ անց, մութ նկուղում դրված գարեջրի տակառներից լսվեց ֆշշոց․ մոտեցան․ գարեջուրը տակառում փրփրում, ֆշշում ու ձայն է տալիս․
 +
 +
«Չե՛մ ուզում մնալ մութ նկուղում․ այստեղ ես հարգ ու պատիվ չունեմ։ Իմ տեղն ուրախ սեղանի վրա պիտի լինի․ այնտեղ ես թասերի մեջ կշողշողամ, հյուրերը կգովեն֊կփառաբանեն ինձ և իմ պատվին երգեր կերգեն»։
 +
 +
Սկսեցին փնտրել երգչի, որ գովերգի ու փառաբանի գարեջուրը։ Եվ ահա՛ նկուղը բերին լոսդին, ապա գայլաձկին․ բայց ի՛նչ երգիչ դուրս կգա դրանցից։ Ո՛չ լոսդու, ոչ էլ գայլաձկան փորից ձայն չի լսվում։
 +
 +
Հետո գնացին բերին մի փոքրիկ տղայի։ Բայց կաթնակեր երեխայի ի՛նչ բանն է գարեջուր փառաբանելը։
 +
 +
Իսկ գարեջուրը բարկացել և ավելի ուժեղ է ֆշշացնում, քիչ է մնում տակառը տրաքեցնի և թափվի հատակին։
 +
 +
Վախեցավ պառավ Լոուխին․ կանչեց իր աղջկանը, ապա ծառաներին, ստրուկներին և հրամայեց․
 +
 +
«Գնացեք կանչեցեք, որ հյուրերը գան և սկսեն քեֆ անել։ Կանչեցեք բոլոր պոխյոլցիներին, կանչեցեք աղքատներին և թշվառներին, բոլոր կույրերին և տառապյալներին, կանչեցեք բոլոր կաղերին և հաշմանդամներին։ Կույրերին բերեք նավակներով, կաղերին ձիերով, հաշմանդամներին սահնակներով։
 +
 +
Հարսանիքի կանչեցեք Կալեվալայի որդիներին և ամենից առաջ ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենին․ թող նա երգի, որ ժողովուրդը լսի նրա իմաստուն երգերը, լսի և ուրախանա։ Միայն ո՛վ դու իմ դստրիկ, չգնաս այն կղզին, որտեղ ապրում է Կաուկոմեյլին և այդ խենթավուն Լեմմինկայնենին չկանչես հարսանիքի»։
 +
 +
Աղջիկն հարցրեց․
 +
 +
«Ինչո՞ւ չկանչեմ Լեմմինկայնենին»։
 +
 +
Լոուխին պատասխանեց․
 +
 +
«Նա տաքարյուն, անզուսպ տղա է։ Սիրում է վիճել և կռիվներ սարքել․ նա ծաղր ու ծանակի կենթարկի մեր սիրունիկ աղջիկներին․ այդ չար տղան մեր խնջույքը կխանգարի»։
 +
 +
Եվ աղջիկը, ծառաներն ու ստրուկները գնացին չորս կողմը և բոլորին, ում հանդիպեցին, կանչեցին հարսանիքի․ կանչեցին պոխյոլայից ու կալեվալայից, կանչեցին գյուղացիներին և վարձով աշխատողներին, կանչեցին կապա հագած կազակներին և արհեստավորներին։ Միայն չկանչեցին կղզեբնակ այն քաջ որսորդին, այն հմուտ ձկնորս Լեմմինկայնենին։
 +
 +
 +
==Ռունա ԻԱ==
 +
 +
Փեսային և հարսին մեծ պատիվներ են անում։ Վեյնեմեյնենը երգում և շնորհակալություն է հայտնում հյուրասիրության համար
 +
 +
 +
Պառավ Լոուխին ոտ ու ձեռ ընկած հսկում է, որ միսը լավ խաշեն, խորովածը հյութալի լինի, ձկները տեղը տեղին տապակվեն, կարկանդակներն էլ փափուկ ու համեղ լինեն։
 +
 +
Հանկարծ պառավն անսովոր աղմուկ է լսում․ նայում է ծովի կողմը, անտառի կողմը։
 +
 +
«Այս ովքե՞ր են գալիս սահնակներով ու նավակներով․ չլինի՞ թե թշնամու զորքն է խուժում իմ երկիրը»։
 +
 +
Մեկ էլ նայեց․ չէ՜, ոչ մի թշնամի էլ չկա։ Դրանք հարսանքավորներն են, որ փեսացուին մեջներն առած աղմուկով գալիս են։ Եվ պառավն ասաց․
 +
 +
«Իհարկե դա իմ փեսան է․ նա հազար մարդի մեջ էլ աչքի կընկնի, ոնց որ կաղնին է աչքի ընկնում անտառի ծառերի մեջ, ոնց որ լուսինն է աչքի ընկնում աստղազարդ երկնքում։ Նրա ձին սև է, քանց ագռավը, արագաթռիչ է, քանց արծիվը, հախուռն է, քանց քաղցած գայլը»։
 +
 +
Հյուրերն աղմուկով լցվեցին Պոխյոլայի տիրոջ բակը։ Լոուխին ասաց․
 +
 +
«Է՛յ դու, ստրուկներից ամենաուժեղը, շուտով իմ փեսայի ձեռքից վերցրու ձիու սանձը։ Ձին տար կապիր ախոռի ամենալավ տեղը, տակը փափուկ դարման լցրու և աղբյուրի ջրից տուր, որ խմի․ պղնձե տաշտակի մեջ ցորեն ու ընտիր գարի դիր ձիու առաջ։ Հետո մեջքն ու բաշը լավ թիմարիր, մեջքն էլ արծաթազօծ կտորով ծածկիր»։
 +
 +
Երբ մյուսների ձիերն էլ տեղավորեցին, հյուրերն իրար ետևից սկսեցին տուն մտնել։ Միայն փեսան՝ ճարտար դարբին Իլմարինենը չի շտապում տուն մտնել։ Պառավ Լոուխին դիմեց երիտասարդներին․
 +
 +
«է՛յ, ջահել հերոսներ, շո՛ւտ իմ փեսային տուն բերեք․ դռան վերևի գերանը բարձրացրեք, որ գլխարկը չդիպչի, շեմը ցածրացրեք, որ կրունկը չակռկի, դուռը կրնկահան արեք, որ փեսաս կարողանա ազատ տուն մտնել»։
 +
 +
Վերջապես փեսան տուն մտավ, նայեց չորս կողմը․ տան պատերն ու առաստաղը Կալեվալայի ամենալավ փայտերից էին պատրաստված, աթոռները մետաղներից էին սարքված, սեղանները ոսկեզօծ էին, իսկ հատակին մետաքսե կարպետներ էին փռած։ Վառարանը պղնձից էր ձուլված, օջախն էլ արդեն ամենադիմացկուն քարերից էր սարքված։
 +
 +
Փեսան այսպես խոսեց․
 +
 +
«Ով դու բարձրայլդ Ուկկո, թող քո աչքը հովանի լինի այս տան վրա, որ բոլորը ողջ, առողջ և ուրախ ապրեն»։
 +
 +
Տիրուհին ասաց․
 +
 +
«Դու էլ որ մեր հարկի տակ ես մտել, միշտ ողջ և առողջ, կայտառ և ուրախ լինես»։
 +
 +
Ապա տիրուհին կանչեց աղախնուն և ասաց․
 +
 +
«Կեչու կեղևը վառիր և բեր, որ լույսի տակ տեսնեմ՝ փեսացուիս աչքերը սև՞ են, ծավի՞, թե՞ չէ վուշի նման դեղնավուն են»։
 +
 +
Աղջիկը կեչու կեղևի ծայրը վառեց և բերեց, բայց կեչին պեծպլտում էր, ավելի շատ մուխ էր արձակում, քան բոց, դրա համար էլ ոչինչ չէր կարելի որոշել․ այն ժամանակ պառավն ասաց․
 +
 +
«Այս ինչ բան է, փեսայիս դեմքը ծխից սևացավ, գնա բեր մոմ, սպիտակ մոմ, որ պայծառ լույս արձակի, և ես լավ զննեմ փեսայիս դեմքը»։
 +
 +
Աղջիկը բերեց սպիտակ մոմ, վառեց և Լոուխին պայծառ լույսի տակ զննելով փեսայի դեմքն, ասաց․
 +
 +
«Հիմա արդեն տեսա, թե ինչպիսի աչքեր ունի իմ փեսան․ նրանք պայծառ են, ինչպես ծովի փրփուրը, խորն են ինչպես ծովի հատակը, պարզ են ինչպես գարնան ծաղիկը։ Դե՛, իմ փեսային նստեցրեք վերին գլուխը, որ բոլորը տեսնեն նրա դեմքը, որ բոլորը խնդան նրա արևով»։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին հարսանքավորներին շատ առատ հյուրասիրեց։ Սեղանին անպակաս էր ցուլի և խոզի մսից տապակոցն ու երշիկը, ընտիր տեսակի ձկնեղենն ու ամեն տեսակ խմորեղենը։ Ամենալավ պատառները փեսայի առաջը դրեց և գարեջուրն էլ երկուկանթանի թասով ամենից առաջ փեսային մատուցեց։
 +
 +
Շատ կերան֊խմեցին հյուրերը։ Բոլորն ուրախ, զվարթ ասում֊խոսում էի, բայց մի բան պակասում էր․ չէր լսվում երգի ձայնը, ոչ ոք չէր երգում։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը բարձրացրեց ոսկեգույն գարեջրով լի թասը և այսպես խոսեց․
 +
 +
«Գարեջուր, դու շատ ընտիր խմիչք ես, բայց չի կարելի քեզ խմել առանց երգի։ Այնպես արա, որ մարդկանց տրամադրությունն ավելի բարձրանա, և երգիչներն ուրախ երգեր երգեն։ Հապա ո՞վ է այն ոսկեբերանը, որ առաջինը կսկսի երգել։ Թող սկսի, որ ավելի ուրախ անցնի ժամանակը, ավելի փառավորվեն մեր հարսն ու փեսան»։
 +
 +
Գետնին մի երեխա էր նստած․ այսպես խոսեց նա․
 +
 +
«Ես թեև փոքր եմ և մարմնով թույլ, բայց ուզում եմ երգել․ չէ՞ որ մարմնով ուժեղ տղամարդիկ չեն ուզում երգել։ Թեև լղարիկ եմ և սրունքներս դեռ չեն պնդացել, բայց ես կերգեմ, որ երեկոն ավելի ուրախ անցնի և այս օրը միշտ հիշվի»։
 +
 +
Վառարանին մի ծերունի էր նստած․ այսպես խոսեց նա․
 +
 +
«Այս խնջույքին երեխան թող չերգի և անմիտ խոսքեր թող չթոթովի․ երեխայի երգերում շատ շինծու բաներ կան, աղջիկների երգերում միտք չկա։ Նրանք, ովքեր բազմել են աթոռներին, թող երգեն իմաստուն երգեր»։
 +
 +
Բայց ոչ ոք չի ուզում երգել։ Պոխյոլայի տիրուհի պառավ Լոուխին զարմացավ, ասաց․
 +
 +
«Գուցե ես վատ գարեջուր եմ պատրաստել, գուցե ես անուշ խմիչքի փոխարեն դառն խմիչք եմ լցրել թասերի մեջ։ Մի՞թե չկա մեկը, որ սկսի երգել․ աթոռները հո չեն երգի իրենց վրա նստած տղամարդկանց փոխարեն, լուսամուտի փեղկերը հո չեն երգի․ մի՞թե մեր հերոսների շրթունքներին սառել է երգը։ Հապա ո՞վ է, որ առաջինը կսկսի երգել մեր այս փառահեղ հանդեսում»։
 +
 +
Բայց էլի ոչ մեկը ձայն չի հանում․ ոչ ոք չի ուզում երգել։
 +
 +
Այն ժամանակ ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Դե, քանի որ ձեր մեջ չգտնվեց մեկը, որ ինձ հետ երգի, մենակս կերգեմ․ ես ի ծնե երգիչ եմ, և կերգեմ այն, ինչ գիտեմ, ինչ սովորել եմ»։
 +
 +
Եվ ահա ծերուկ Վեյնեմեյնենը սկսեց երգել ուրախ երգեր․ հնչեց նրա հզոր֊իմաստուն խոսքը։
 +
 +
Շատ երգեր գիտեր Վեյնեմեյնենը, ավելի շատ, քան քարեր կան լեռներում, ավելի շատ, քան ծաղիկներ կան դաշտում։
 +
 +
Հարսանիքավորները հիացան նրա սրտալի֊իմաստուն երգերով։ Երգում է Վեյնեմեյնենը և անբերրի հողը պարարտանում է ու սկսում է աճել ոսկեհատ ցորենը, ծովափի ավազը դառնում է ընտիր հացահատիկ, ծովի ալիքներն էլ քաղցր մեղր են դառնում։
 +
 +
Ամեն ինչ կարող է անել ծերուկ Վեյնեմեյնենը իր իմաստուն երգերով․ ժեռ քարից կարող է փափուկ բաղարճ ստանալ, իսկ փափուկ ձյունից կոշտ աղ ստեղծել։
 +
 +
Խնջույքին հրավիրված բոլոր մարդիկ, թե ահել ու ջահել, թե տղա թե աղջիկ շատ ուրախացան Կալեվալայի դյուցազնի երգերով։
 +
 +
Եվ ծերունին այսպիսի խոսքերով ավարտեց իր երգը․
 +
 +
«Ով դու բարձրյալդ Ուկկո, օգնիր որ մարդիկ այստեղ միշտ ուրախ, երջանիկ և լիառատ ապրեն, ինչպես այս խնջույքի օրը։ Քանի ապրում են այս տան տերն ու տիրուհին, թող ամենայն օր ուրախ երգեր հնչեն այս հարկի տակ։ Ուկկո, առատ վարձատրիր այս մարդկանց աշխատանքը․ թող նրանց տունն ու ամբարները միշտ լիքը լինեն ամենայն բարիքներով․ թող նրանց ուռկանները միշտ առատ որսով լցվեն։ Ե՛վ եկող ամառը, և՛ հաջորդ տարին, թող ոչ ոք չզղջա, որ նստել է այս հարկի տակ և զվարճացել է, որ մասնակից է եղել այս խնջույքին»։
 +
 +
 +
==Ռունա ԻԲ==
 +
 +
Աղջկան հիշեցնում են իր հայրական տանն անցկացրած օրերը և թե ինչ է սպասում նրան ամուսնու հարկի տակ
 +
 +
 +
Հյուրերը կուշտ ու կռինչ կերան֊խմեցին և շատ զվարճացան այն մռայլ Պոխյոլայում։
 +
 +
Հարսանեկան հանդեսն իր վախճանին հասավ։ Ժամանակն էր, որ աղջիկը թողնի հորական օջախը և գնա նոր տունը՝ մտնի ամուսնու հարկի տակ։
 +
 +
Փեսան արդեն պատրաստել էր սահնակը, բայց Լոուխին ասաց նրան․
 +
 +
«Իմ ազիզ փեսա, մի շաբաթ սպասել ես, մի քիչ էլ սպասիր, դեռ պատրաստ չէ իմ աղջիկը տանից դուրս գալու․ մազերի կեսը հյուսել է, մյուս կեսը դեռ հյուսված չէ․ աջ ոտքի կոշիկը հագել է, ձախ ոտքինը դեռ չի հագել․ մեկ ձեռնոցն արդեն հագել է, մյուսը դեռ ոչ»։
 +
 +
Վերջապես աղջիկը հագնվեց֊զուգվեց։ Տիրուհին այսպիսի խոսքերով դիմեց աղջկան․
 +
 +
«Դուրս արի իմ չքնաղ, իմ ազիզ դուստր․ դե՛, աղջիկը ծախու ապրանք է․ փող ունեցողն էլ հո պատրաստ է գնել քեզ պես սիրունիկ թռչնակին։ Դու շատ էիր սիրում ոսկին ու արծաթը․ քեզ տված ընծան ընդունեցիր և մատիդ մատանի հագցրիր։ Դե, ժամանակն է, որ սահնակ նստես և ճամփա ընկնես։
 +
 +
Դու շատ ծանր ու թեթև չարիր և իսկույն համաձայնվեցիր ամուսնանալ։ Շատ արցունք կթափես, որ հորական տունը թողնում ես, հեռանում ես քո սիրելի մայրիկից և օտար հարկի տակ ես մտնում։
 +
 +
Դու հանգիստ֊անդարդ ապրում էիր հորդ տանը։ Փթթում էիր, ոնց որ ծաղիկը դաշտում, դեռ անկողից չելած կարագն ու կաթը պատրաստ էր քեզ համար։ Հացն էլ արդեն մաքուր ու սպիտակ․ թե կարագն ու կաթը չուտեիր, խոզի միսը հո կար ու կար։
 +
 +
Ոչ մի հոգս չունեիր, հրճվում էիր նոճիներով և կեչիներով։ Թիթեռի նման ուրախ թռվռում էիր մեր դաշտերում և պուրակներում։ Իսկ հիմա հեռանում ես քո հարազատ տնից, գնում ես օտար հարկի տակ․ մի անծանոթ ընտանիք ես մտնում։ Այնտեղ ամեն ինչ ուրիշ տեսակ է լինելու․ նրանց դուռն ու լուսամուտը թե նրանց ուզած ձևով չփակես ու բացես՝ վրադ կփնթփնթան․ նրանց ուզածի պես չես կարող վառարանը վառել․ ինչ էլ անես, քաղցր խոսք չես լսի, էլ առաջվա պես չես կարողանա ուրախանալ․ կուշտ փորով հաց էլ չես ուտի։ Դու, սիրունիկ աղջիկս, հենց գիտեիր, թե կերթաս մի գիշեր կմնաս և կվերադառնաս․ այդպես չէ, դստրիկս, դու ոչ թե մեկ գիշերով, մեկ ամսով կամ մեկ տարով ես գնում, այլ ամբողջ կյանքդ անց ես կացնելու ամուսնուդ տանը՝ հորիցդ հեռու և մորդ կորուստը քաշելով»։
 +
 +
Աղջիկը ծանր հոգոց հանեց և ասաց․
 +
 +
«Քանի դեռատի աղջիկ էի, միտք էի անում, թե դեռ փոքր եմ, հորս֊մորս խնամքի տակ եմ՝ ինձ բանի տեղ չեն դնում, բայց հենց որ մարդու գնամ, հենց որ մի ոտքս սահնակում լինի, մյուս ոտքս դնեմ ամուսնուս շեմին՝ ինձ կմեծարեն, պատիվս ավելի շատ կլինի։ Ահա՛, թե ինչ բաներ էին անցնում մտքովս, բայց այժմ, երբ իղձս կատարվեց, երբ արդեն շուտով ոտքս դնելու եմ ամուսնուս սահնակին, խելքիս չի հասնում, թե ինչպես եղավ, որ ամեն ինչի մասին սկսում եմ ուրիշ տեսակ մտածել։ Սիրտս ուրախ չէ, որ թողնում եմ իմ շեմը, այն հարազատ շեմը, որտեղ անցել է իմ մատաղ կյանքը։ Գնում եմ դառն մտածումներով, ոնց որ մարդ մոտենա գետին ու սկսի քայլել գարնան բարակ և սայթաքուն սառույցի վրայով։ Մտքերս շատ են պղտորվել և մռայլ են, ինչպես աշնանային ամպամած երկինքը»։
 +
 +
Աղջկա խոսքերը լսեց նաև տան ծառան, այն պառավ կինը և ասաց․
 +
 +
«Դու հորական տանից գնում ես և տառապանքն անբաժան կլինի քեզանից․ այնտեղ արդեն քո ոտքերի համար պատրաստ են շղթաներ։ Շուտով կտեսնես, թե ինչ կոպիտ կխոսի քեզ հետ կեսրայրդ, սկեսուրդ էլ հա կփնթփնթա․ տեքորդ խոսքերը հո մի ղազան մեղրով չի ուտվի, իսկ տալդ երեսը շուռ կտա քեզանից։ Ամուսինդ էլ նորապսակ օրերի նման քո ամեն խոսքին մտիկ չի տա․ նրանից փաղաքշական խոսք չես լսի․ ինչքան էլ նա տեսքով լավն է, միևնույն է, նա քեզ իր հարազատների կշտամբանքից չի պաշտպանի։ Քո հոր տանը դու անհոգ ծաղիկ էիր․ մայրդ քեզ կոչում էր՝ արև, հայրդ՝ լուսին․ զուլալ աղբյուր էր քեզ անվանում եղբայրդ, քույրդ՝ աղավնյակ։ Հորդ տանը դու թագուհի էիր՝ առանց թագի։ Իսկ ամուսնու տանը կինը՝ ոնց որ գերի։ Գիշեր֊ցերեկ կաշխատի և չեն թողնի, որ գոնե կուշտ քնի֊հանգստանա։ Լաց աղջիկս, լա՛ց, թող սիրտդ թեթևանա, որ դիմանաս գալիք փորձություններին»։
 +
 +
Աղջիկը խոր հոգոց հանեց և դառը֊դառը լացեց․ արցունքի հեղեղ թափվեց աչքերից․
 +
 +
«Իմ հարազատ հայրիկ ու մայրիկ, դու ալեզարդ պառավ, այս ո՞ւր եք ուղարկում ինձ, թշվառիս, ինչո՞ւ այսքան հոգս ու ցավ եք դնում իմ ուսերին»։
 +
 +
Այդ ժամանակ խոսեց այն երեխան, որ նստած էր հատակին․
 +
 +
«Մի լար, ով դու չքնաղ աղջիկ, հոգսերդ տուր ձիուն, նրա թիկունքն ուժեղ է և ամեն տեսակ բեռ կտանի։ Նայիր աջ կողմդ, տե՛ս, սարի պես ամուսինդ է կանգնած մեջքիդ։ Քամուն տուր վատ մտքերդ․ դու գնում ես երջանիկ կյանքով ապրելու։ Քո ամուսինն ամենաուժեղ և հմուտն է բոլոր տղամարդկանց մեջ։ Նրա նետը միշտ նպատակին է խփում, նրա հմուտ ձեռքերն ամեն ինչի ընդունակ են։ Նա բազմաթիվ նախիրներ ունի, որ արածում են Կալեվալայի անտառներում և արոտներում։ Նրա դաշտերի բերքն առատ է․ ինչքան ուզես ցորեն և գարի ունի։ Փողն էլ հո շեղջ֊շեղջ․ պֆենինգներին էլ հո հաշիվ չկա»։
 +
 +
 +
==Ռունա ԻԳ==
 +
 +
Նորահարսին խրատում են, թե նա ինչպես պիտի պահի իրեն ամուսնու տանը։ Մի պառավ կին իր կյանքի ողբերգությունն է պատմում
 +
 +
 +
Հարսանիքի հյուր, Կալեվալայի չքնաղ դուստր Օսմոթարը մտածեց․ «Նորահարսին պետք է բարի խորհուրդներ տալ, որ նա կարողանա ուրախ կյանքով ապրել ամուսնու տանը և սկեսուրից ոչ թե կշտամբանք, այլ գովասանք լսի»։
 +
 +
Այսպիսի խոսքերով նա դիմեց հարսին․
 +
 +
«Դու նոր փթթած ծաղիկ, լսիր իմ խոսքերը և ականջիդ օղ արա։ Դու թողնում ես քո հայրական շքեղ տունը և մտնում ես ուրիշի հարկի տակ։ Այնտեղ ամեն ինչ քո ուզածի նման չի լինի, դրա համար էլ ինչ ուզում ես վերցրու քո հայրական տնից, միայն մի քանի բան թող այստեղ մնա։
 +
 +
Այստեղ թո՛ղ քո երազանքները, հանձնիր այն այստեղի աղջիկներին․ երգերդ թող մնան ձեր տանը, չարաճճիություններդ մի կողմ շպրտիր, ծուլությունից բոլորովին ձեռք քաշիր։ Հին սովորություններդ մոռացիր և նոր բաներ սովորիր։ Խոնարհ ու հնազանդ եղիր, որ քեզ գուրգուրի կեսրայրդ, որ քեզ փայփայի սկեսուրդ, խաթրդ պահի տեքրդ, և սրտով սիրի տալդ։
 +
 +
Քանի ապրում ես, քանի երկնքում շողում է լուսինը, ապրիր մաքուր վարք ու բարքով։ Ամուսինը միշտ սիրում ու գնահատում է, երբ կինը տեղը տեղին կառավարում է տունը․ շատ է ուրախանում, երբ ամեն օր կնոջ վարվեցողության մեջ նոր արժանիքներ է տեսնում։
 +
 +
Թեկուզ ծերուկ կեսրայրդ գայլի պես վայրենի լինի, սկեսուրդ մրթմրթան արջ, թեկուզ տեքրդ օձի նման ֆշշա, տալդ էլ հա վրադ ճղճղա, նրանց պատվիր ու հարգիր, ինչպես հարգում էիր սիրելի հորդ և հարազատ մորդ։
 +
 +
Աշխատիր որ խելքդ կտրուկ, միտքդ պայծառ լինի։ Թող աչքդ ամենատես լինի․ նույնիսկ երեկոները թե լույս չի վառվում տանը, թող աչքդ մթան մեջ էլ տեսնի, որ ամեն գործի հասնես։ Ականջդ թող սուր լինի․ լուսադեմին հենց որ աքլորը մեկ անգամ կանչեց, էլ չսպասես, որ երկրորդ անգամ կանչի․ տեղիցդ վեր կաց ու գործի անցիր, թող ծերուկն ու պառավը իրենց համար հանգիստ քնեն։
 +
 +
Թե որ աքլորը չկանչի, թող լուսինն ու Մեծ արջը քեզ համար նշան լինեն, որ լուսադեմին ելնես փափուկ անկողնից, ամուսնուդ տաք գիրկը թողնես և տան գործն սկսես։ Թե անթեղված կրակը չգտնես՝ նոր միայն զարթնեցրու ամուսնուդ, որ նա կայծքարով վառի տաշեղի ծայրը․ դու տաշեղի լուսով շտապիր գոմն և անասուններին կերակրիր։
 +
 +
Առաջ կովերին տուր կերը, հետո ոչխարներին․ ընտիր խոտ ու գարի դիր ձիերի առաջ․ խոզերի ուտելիքն էլ տաշտերի մեջ լցրու։
 +
 +
Չլինի թե քունդ տանի և գոմում քնես․ հենց որ անասուններին կերակրեցիր, վազիր դեպի սենյակը, չէ՞ որ արդեն երեխան զարթնեց ու լաց է լինում, նրան հագցրու և կերակրիր։
 +
 +
 +
 +
Հետո դույլը վերցրու, ավելն էլ թևիդ տակը և տունն ու բակը մաքրիր։ Թե տալիդ երեխան լաց է լինում, նրան նստացրու թախտին, աչքերը սրբիր, գլուխը շոյիր և կարագը քսիր հացին ու տուր երեխայի ձեռքը։
 +
 +
Հետո արդեն տան պատերն ու օճորքը փոշուց ու մրից մաքրիր։ Այս էլ իմացի՛ր, գլխիդ լաչակը, շորերդ ու կոշիկներդ միշտ մաքուր լինեն։ Եթե շենք ու շնորհքով չերևաս, այդ չի դուր գա ամուսնուդ և քո սիրելին էլ կսկսի քեզ վրա փնթփնթալ։
 +
 +
Մկան նման թող սուր լինի քո լսողությունը․ ոտքերդ էլ արագավազ՝ նապաստակի նման։ Մեկ էլ տեսար դաշտից վերադարձավ տեքրդ, անտառից տալդ, ամուսինդ էլ հունձ է արել և բեզարած տուն է եկել ― անմիջապես մեծ թասով ջուր լցրու նրանց ձեռքերին և քաղցր խոսքերով նրանց սիրտն առ։
 +
 +
Թե որ սկեսուրդ տուն գա այլուրի պարկը մեջքին, անմիջապես ընդառաջ վազիր, գլուխդ խոնարհիր և պարկն ուսիդ առած՝ տար դիր հացատունը։
 +
 +
Թե որ չիմանաս ինչ գործ սկսես, սկեսրոջդ հարցրու․
 +
 +
«Ախ, իմ հարազատ սկեսուր, ասա, հիմա ի՞նչ գործ անեմ»;
 +
 +
Սկեսուրդ քեզ կպատասխանի․
 +
 +
«Ահա՛, թե ինչ պիտի անես հիմա։ Ալյուրը լից տաշտը և խմոր հունցիր, հետո վառարանը ջեռացրու, փափուկ կարկանդակներ եփիր, հետո արդեն բոլոր ամանները լվա և կարգին֊սարքին դասավորրիր»։
 +
 +
Դու անմիջապես սկսիր սկեսրոջդ պատվերը կատարել։ Աշխատանքդ ինչքան էլ ծանր լինի՝ չտնքաս, հոգոց չհանես, որ սկեսուրդ չմտածի, թե զայրանում ես, որ հանգիստ չունես և տան բոլոր հոգսը քեզ վրա է ընկած։
 +
 +
Թե որ ջուրը պակաս է, անմիջապես դույլերը վերցրու և աղբյուրը ջրի գնա։ Շատ մի մնա այնտեղ, որ սկեսուրդ կամ սկեսրայրդ չմտածեն թե աղբյուրի ջրի մեջ ես նայել, հիացել քո սիրունիկ երեսհարքով և ջուրն ուշ ես տուն հասցրել։
 +
 +
Թե որ գնաս ցախ բերելու, ցախի կտորտանքը դես֊դեն մի շպրտիր․ ցախն էլ որ տուն բերիր, մի շպրտիր գետնին, որ աղմուկ չլինի, թե չէ սկեսուրդ և սկեսրայրդ կմտածեն՝ զայրացել ես, որ հանգիստ չունես և ծանր գործերը միշտ քեզ վրա են դնում։
 +
 +
Թե որ սկեսուրդ ուզենա լողանալ, բաղնիքը լավ տաքացրու, այնպես որ ծուխ ու մուր չլինի․ ինքդ էլ շատ չմնաս բաղնիքում, որ սկեսուրդ չասի, թե նստել բաղնիքի նստարանին հանգստացել ես։ Հենց որ ջուրը եռա, գնա սկեսրոջդ մոտ և ասա․
 +
 +
«Ա՛խ, դու իմ սիրելի սկեսուր, բաղնիսը տաքացրել եմ, ջուրն էլ եռացրել, դափնու ճղերից ավելն էլ պատրաստ է։ Արի լողացի ինչքան կուզես․ ես էլ գլխիդ կկանգնեմ, որ ջուր լցնեմ ուզածիդ չափ։
 +
 +
Հետո արդեն տնեցիների համար զգեստներ կկարես, որին կապա, որին շապիկ, որին գլխարկ։
 +
 +
Եթե հյուրեր գան, սիրալիր ընդունիր նրանց, համով ճաշեր ու թխվածքներ պատրաստիր։ Հյուրերին ճամփու դնելիս նրանց մինչև բակը ուղեկցիր և շուտ տուն վերադարձիր, որ ամուսինդ չսրտնեղի։
 +
 +
Թե որ ուզենաս գյուղամեջ գնալ, անպայման խնդրիր սկեսրոջդ թույլտվությունը։ Եվ ում էլ հանդիպես գյուղում, խելքդ ու շնորհքդ ցույց տուր, ավելորդ բաներ չխոսես, սկեսրոջդ չփնովես։ Գյուղի հարսներն ու կանայք կարող են հարցնել, թե՝ «սկեսուրդ քեզ կարագ տվե՞լ է որ ուտես, ինչպես հարազատ մայրդ էր ուզածդ ժամանակը տալիս»։ Չլինի թե վերցնես ու ասես․ «Չէ՛, ես կարագի երես չեմ տեսել»․ ասա, «Միշտ էլ ինձ գդալով կարագ է տալիս, թեև մի անգամ ամռանն ես կարագ կերել, այն էլ անցյալ տարվանից մնացածը։
 +
 +
Այս վերջին խրատս էլ լսիր, չքնաղ աղջիկ։ Ահա՛, դու արդեն հեռանում ես հորական տանից և գնում ես ուրիշի հարկի տակ։ Հարազատ մորդ չմոռանաս և նրան չզայրացնես։ Չէ՞ որ նա իր կյանքը քեզ համար է մաշել, իր կաթով քեզ կերակրել֊մեծացրել է, քեզ համար գիշերները չի քնել, իր բերնից կտրել, քե՛զ լավ պատառները տվել։
 +
 +
Ով իր հարազատ մորը մոռանա կամ նրան զայրացնի, նա այլն աշխարհում էլ հանգիստ չի ունենա։ Ստորջրյա Տուոնելիի աշխարհում Մանալի աղջիկը նրան կասի․
 +
 +
«Ինչպե՞ս եղավ, որ դու հարազատ մորդ մոռացար և նրան զայրացրիր։ Չէ՞ որ նա քեզ համար շատ է տանջվել․․․ ա՜յ դրա համար էլ դու այստեղ կտանջվես»։
 +
 +
Գետնին, կարպետի վրա նստած պառավ կինն այսպիսի խոսքերով դիմեց նորահարսին․
 +
 +
«Աքլորն էլ երգում է իր սիրած հավի համար, գարնանը ագռավն էլ է սիրո երգեր երգում․ չէ՞ որ նրանք իրենց թառի կամ ծառի վրա, իրենց ուզածի նման են ապրում։ Իսկ ես ոչ տուն ունեմ, ոչ գանձ, ամբողջ ժամանակ ապրում եմ՝ չիմանալով ինչ բան է ամուսնական սերը։
 +
 +
Հիմա դու, սիրելի աղջիկ, գնում ես հորական տանից, այս բանը լավ իմացիր, ամուսնուդ բոլոր քմահաճույքներին մի ենթարկվիր, ինչպես ես ենթարկվեցի և ամբողջ կյանքումս անբախտացա։ Ես էլ քեզ նման ծաղկափթիթ, բոյով֊բուսով աղջիկ էի։ Բոլորն ասում էին, ինձ նման գանձ չկա մեր աշխարհում․ հայրս ինձ թռչնակ էր կոչում, մայրս աղավնյակ, եղբորս համար ազիզ քույր էի, քրոջս համար՝ աշխարհի ամենաթանկ բանը։ Ուրախ ու զվարթ շրջում էի մեր դաշտերում ու բլուրներում և երգում էի անհոգ թռչնակի պես։
 +
 +
Հենց որ հարս գնացի, ամուսնուս համար հլու֊հնազանդ կին դարձա, սկեսրոջս ձեռքին էլ ոնց որ ստրկուհի։
 +
 +
Բայց քանի դեռ հարս չէի գնացել, ինձ ասում էին, թե ամուսնուս տունը վեց սենյակից է, այն էլ ընտիր փայտից շինված, ամբարները լիքն են ամենայն բարիքով, արտերն էլ հո ամեն տարի ցորենի, գարու, վարսակի առատ բերք են տալիս։ Քսակն էլ լիքն է փողով և մյուս տարի մեկ քսակի փոխարեն երկուսը կունենա։
 +
 +
Եվ ես, հիմարս, հավատացի ու մարդու գնացի։ Վեց սենյակի փոխարեն տեսա վեցը գերան, որոնք հենել էին դրսի պատերին և հազիվ էին պահում խարխլված տունը։ ― Ամբարներից մեկը դատարկ էր, մյուսում եղածն էլ՝ փթած ապրանք։ Այդ ամենի հետ՝ հարյուր տեսակ կշտամբանք լսեցի, դեռ հարյուրն էլ պիտի լսեի։
 +
 +
Ի՛նչ անեի, դրան էլ համաձայն էի, միայն թե նամուսով ապրեի, բայց ամեն կողմից չար ու ծուռ հայացքներ էին ուղղված ինձ վրա․ սկեսուրս, որ խոսում էր, կարծես թե օձն էր ֆշշում, ամուսնուս բերնից էլ մի փաղաքշող խոսք չլսեցի։
 +
 +
Դրա հետ էլ հաշտվեցի, ուզում էի մի կերպ գլուխս պահել․ լուսադեմից մինչև իրիկուն, հեզ ու խոնարհ աշխատում էի, բայց էլի հարգ ու պատիվ չունեի։
 +
 +
Տանջանքով ցորենն էի աղում, փափուկ հաց թխում, որ սկեսուրս հեշտությամբ ծամի։ Կերակուրը նրան ոսկեզօծ ամանով էի մատուցում, իսկ ես քարթու հաց էի ուտում, էն էլ մի անկյուն քաշված․ ջարդված թասն էր իմ կերակրի ամանը, կոտրած գդալով էլ մի կերպ լխպոր սպասը բերանս էի տանում։
 +
 +
Ձուկ էի որսում և հենց գետափին մի փոքրիկ ձուկ էի ուտում, որովհետև լավ, ընտիր ձկները տուն էի բերում, եփում֊հրամցնում տնեցիներին․ չեղավ մի օր, որ սկեսուրս իմ որսած լավ ձկնից ինձ բաժին հանի։
 +
 +
Ամառը քաղ էի անում, ձմեռը գոմաղբն էի տանից դուրս տանում։ Աշխատում էի ոնց որ ստրուկը՝ միշտ ծանր բեռը մեջքիս։ Ոչ ոք չէր մտահոգվում, թե ես թույլ կին եմ, կարող եմ հոգնել․ չէ՞ որ հերոսներն էլ են հոգնում, ձիերի ուժն անգամ պակասում է։
 +
 +
Այսպես թշվառս արյուն֊քրտինք մտած ամեն գործ անում էի։ Երբ ուզում էի քիչ հանգստանալ, մել էլ հրաման․ թե վառարանը վառիր։ Նորից թեժ կրակի դիմաց տառապում էի։
 +
 +
Թե մեկ֊մեկ էլ ուրախանում էի, սկսում էին բամբասել, իմ անբիծ անունը, մաքուր վարքս վատաբանում էին․ այն էլ այնպիսի խոսքերով, որ մարդու ականջ էր ծակում։
 +
 +
Չնայած այդ ամենին, էլի չէի հուսահատվում․ արդեն այդպես էլ մի կերպ կապրեի․ կօգնեի պառավ սկեսրոջս։ Բայց եղավ մի բան, որ էլ սիրտս ու հոգիս չդիմացան․ մեծ դարդի մեջ ընկա ― ամուսինս գայլի նման դաժան ու արջի նման կոպիտ դարձավ․ էլ երեսիս չէր նայում․ իր համար ուտում֊խմում էր․ քեֆն ուզած գործն էր անում կամ ման գալիս առանց ինձ բանի տեղ դնելու։
 +
 +
Ես սկսեցի լաց լինել․ տան մի անկյունում կուչ եկած իմ բախտն էի անիծում և այսպիսի խոսքերով երգ երգեցի։
 +
 +
«Իմ հարազատ մայր, քո աչքի լույսի պես խնամեցիր֊մեծացրիր քո աղջկան․ մեծացրիր, բայց հետո չկարողացար պահել֊պահպանել։ Քո ազիզ աղջիկն հիմա այն վիճակի մեջ է, ինչպես թե դալար ճյուղը տնկես անմշակ հողի մեջ․ ո՛չ ջուր կա, ո՛չ արև․ երեկվա դալար ճյուղն այսօր չոր ծնոտ է դարձել։
 +
 +
Չէ՞ որ ես արժանի էի ավելի լավ բախտի, ավելի շեն տան էի արժանի։ Չէ՞ որ պետք էր իմ հարգն իմացող ամուսին ունենայի, որ ինձ կյանքի ընկեր լիներ․ ի՞նչ է իմ վիճակը․ ագռավի ճանկ եմ ընկել, և նա շորերս բզիկ֊բզիկ է արել ինձ վրա, արջի որջ եմ ընկել և ահ ու դողով քաշ եմ տալիս սև օրս։
 +
 +
Թե այս տեսակ վայրենի ամուսնու ձեռքը պիտի ընկնեի, ավելի լավ էր անտառը գնայի, եղևնու բունը վերցնեի՝ կոճղը կպցնեի վրան իբրև դեմք, մորուքը փշերից սարքեի, գլուխը կավից, աչքերի տեղն ածուխ խցկեի, կոներից ականջներ սարքեի, ծառերի հաստ ճղերից էլ ոտքեր սարքեի»։
 +
 +
Դու մի ասի, ամուսինս պատի ետևում կանգնած լսել է երգս։ Մեկ էլ սենյակը մտավ․ մազերը ցցվել են, ոչ թե քամուց, այլ կատաղությունից, ատամները կրճտացրեց, աչքերը խոլորեց, ձեռքին էլ արդեն մի մեծ մահակ։ Աչքս չէի թարթել, որ մահակն իջավ գլխիս։
 +
 +
Աչքերս մթագնեցին։ Բայց վախենում եմ բարձր ձայնով ողբալ իմ ցավը։
 +
 +
Գիշերը վրա հասավ․ ամուսինս վերցրեց մտրակը, դրեց բարձի մոտ, ինքն էլ պառկեց քնելու։ Ո՞ւմ համար էր մտրակը․ իհարկե ի՛նձ, թշվառիս համար։ Բայց ի՞նչ կարող էի անել․ էլի հլու հնազանդ գնացի պառկեցի նրա կողքը, որ քիչ քնեմ հանգստանամ։ Անկողին մտա֊չմտա՝ ամուսինս սկսեց բռունցքներով խփել մեջքիս ու գլխիս, հետո էլ մտրակը վերցրեց ու տո՛ւր թե կտաս․ ողջ մարմինս ցավից կսկծաց։
 +
 +
Մի կերպ դուրս փախա ամուսնուս սառը անկողնից․ բայց նա ետևիցս հասավ, բռնեց մազերիցս, այնպես պինդ քաշեց, որ մի մեծ փունջ պոկեց և քամուն տվեց։
 +
 +
Մնացի պատի տակ․ ցուրտն էլ ավելացավ ծեծված մարմնիս․ դողում եմ։ Ասում եմ քիչ էլ դիմանամ, գուցե մարդուս կատաղությունն անցնի։ Բան չունե՛ս․ էլ ինձ վրա դուռ բաց անող չկա։ Էլ ճար չկար․ թողեցի ամուսնուս տունն ու տեղը և ճամփա ընկա, անցա դաշտերով ու ճահիճներով և վերջապես հասա հայրական երկիրս։ Մոտ էր արդեն եղբորս տունը։ Հանկարծ եղևնին, սոճին և նրանց կատարին թառած ագռավները ձայն տվին․
 +
 +
«Իզո՛ւր ես եկել, քեզ հարազատ մարդ չկա այստեղ»։
 +
 +
Ես ուշ չդարձրի այդ ձայներին և մտա եղբորս տան բակը։ Ցանկապատներն ինձ ասին․
 +
 +
«Դու որ վերադարձել ես հորական տունդ, չգիտե՞ս, որ հայրդ վաղուց է մահացել, մայրդ էլ մի քանի տարի առաջ այն աշխարհը գնաց․ եղբայրդ արդեն քեզ խորթացել է, նրա կնիկն էլ հո աչքով աչք չունի, որ տեսնի քեզ»։
 +
 +
Դրան էլ ես ուշ չդարձրի․ ուղղակի ձեռքս տարա և եբղորս սենյակը տանող սառն բռնակը շուռ տալով, ներս մտա։ Մտա և դռան մեջ կանգնեցի։ Եղբորս կինն այնքան գոռոզ էր, որ չմոտեցավ ձեռ չտվեց, իսկի մի բարև էլ չտվեց։ Ես էլ պակաս հպարտ չէի, ես էլ ոչ ձեռ տվի, ոչ էլ բարևեցի։ Ձեռքս տարա վառարանին՝ սառն էր։
 +
 +
Տեսա եղբայրս ձգված է թախտին, մեջքին ու գլխին մի սաժեն կեղտ ու մուր է։ Եվ եղբայրս, ինչպես օտար անցորդին են հարց տալիս, այդպես էլ ինձ հարցրեց․
 +
 +
«Դու ծովի այն կողմի՞ց ես եկել․ ո՞ւր ես գնում»։
 +
 +
Ես պատասխանեցի․
 +
 +
«Ի՛նչ է, հարազատ քրոջդ չե՞ս ճանաչում․ չէ՞ որ մեզ մի մայր է ծնել, մի թռչունի ձագերն ենք և մի բնում ենք մեծացել»։
 +
 +
Եղբայրս իր սիրելի կնոջ ականջին փսփսաց․
 +
 +
«Իմ քրոջ համար ուտելիք բեր»։
 +
 +
Կինը թարս նայեց և գնաց մի աման ջրալի կերակուր բերեց․ բայց ի՜նչ կերակուր․ երեսի յուղը կատուն էր լպստել, շունն էլ մնացածը լակել, տակը բան չէր թողել։
 +
 +
Եղբայրս իր սիրելի կնոջ ականջին նորից փսփսաց․
 +
 +
«Մեր հյուրի համար գարեջուր բեր»։
 +
 +
Կինը թարս նայեց և գնաց մի աման ջուր բերեց, բայց ի՜նչ ջուր․ պղտոր ու անպետք, հարսն այդ ջրով երեսն ու ձեռքերն էր լվացել։
 +
 +
Ես սրտի մռմուռով թողի եղբորս տունն և հեռացա․ սկսեցի թափառել գյուղե֊գյուղ, ինձ անծանոթ մարդկանց դռները թակել։ Ախր երեխաներս էլ հետս էին, իմ թշվառ բալիկներն էլ ինձ նման տանջվում էին։
 +
 +
Բայց շատ֊շատերը անարգում էին ինձ ու տան շեմից վռնդում։ Մեկ֊մեկ էլ, շատ հազվադեպ, պատահում էին ազնիվ մարդիկ, որոնք մի բարի խոսք էին ասում, տուն էին թողնում, վառարանի մոտ տաքացնում, մի կտոր հաց, մի աման ապուր տալիս և մի տաք զգեստ, որ ձմեռվա ցրտին չսառչենք։
 +
 +
Քանի թռվռուն աղջիկ էի, երբեք մտքովս չէր անցնում, և եթե հազար մարդ էլ ասեր, նրանցից ոչ մեկին չէի հավատա, թե ես ամուսնանալով այդպիսի դժբախտ վիճակի մեջ կընկնեմ, այդպիսի ծանր դարդի տեր կդառնամ և կյանքս տառապանք կդառնա ինձ համար»։
 +
 +
 +
==Ռունա ԻԴ==
 +
 +
Նորափեսային խրատում են, որ լավ վարվի նորահարսի հետ։ Իլմարինենը կնոջը նստեցնում է սահնակ և երրորդ օրը տուն են հասնում
 +
 +
 +
Շատ խրատներ տվեց Օսմոթարն աղջկան, ապա դարձավ փեսացուին և այսպես խոսեց․
 +
 +
«Եղբայր իմ, դու քո մոր որդիներից ամենալավն ես, լսի՛ր իմ խորհուրդը, ականջ դիր, թե ինչ կասեմ այս անուշ թռչնակի, այս աղջկա մասին, որ շուտով քո հարկի տակ է մտնելու։
 +
 +
Փառք տուր Աստծուն, որ այսպես լավ դաստիարակված աղջիկ է քեզ պարգևել։ Մաքուր, գեղեցիկ, գործիմաց աղջիկ է քո կյանքի ընկերը։ Նա կարող է հնձել, աղուն աղալ, հյուսվածքներ գործել, իսկ լվացքն այնպես կանի, որ քաթանները սպիտակ ձյունի պես սպիտակ կերևան։
 +
 +
Երբ որ քո կինն սկսի հյուսվածքներ անել և հարևան հարսները տեսնեն, հիանան նրա հյուսվածքներով, կհարցնեն․ «Այս աղջիկն ի՞նչ տոհմի զավակ է, որ այսպես նուրբ բաներ է հյուսում»․ դու պիտի պատասխանես՝ «Իմ հարսնացուն լուսնի և արևի դուստրն է, Մեծ Արջ աստղն է նրան շնորհներ պարգևել»։
 +
 +
Դե, շուտով դու կնոջդ հետ ճամփա ես ընկնում, այնպես քշիր սահնակը, որ փոսերի կամ արգելքների չհանդիպես, որ աղջիկն հանկարծ սահնակից վայր չընկնի և նրա քնքուշ մարմնի ոչ մի տեղը չցավի։
 +
 +
Երբ արդեն քո հարկի տակը կլինեք, չթողնես, որ քո թանկագին ընկերը տխրի և մութ անկյուններում կուչ գա․ չէ՞ որ նա իր հոր տանը երբեք մութ անկյուններ չի նստել․ նրա տեղը լուսամուտի դիմացն էր․ ցերեկը մայրն էր հրճվում իր աղջկանով, երեկոները հայրն էր մխիթարվում նրա երգերով։
 +
 +
Քո հարսնացուին դաշտը տար այն ժամանակ, երբ ցորենի և գարու առատ բերք ես հավաքել․ թող աղջիկն ընտիր ցորենի ալյուրից հաց թխի և գարուց էլ անուշ գարեջուր պատրաստի։
 +
 +
Սիրելի փեսա, այս ոսկեղենիկ թռչնակին փայփայիր, որ չլինի թե տխրի և լաց լինի։ Հենց որ տեսնես շատ է տխրում, սահնակիդ լծիր ամենալավ ձին և աղջկանը բեր հորանց տուն, որ հոր, մոր և հարազատների կարոտն առնի։
 +
 +
Չլինի թե այս սիրունիկ թռչնակին նեղացնես և բանացնես այնպես, ինչպես ստրուկին կամ վարձած մարդուն են բանեցնում։ Չլինի թե ամբարի կամ պահեստի դուռը փակեք նրա առաջ։ Հոր տանը նրա առաջ ամեն ինչ բաց էր և ամեն տեսակ ուտելիք՝ ձու, կաթ, թե մսեղեն պակաս չէր աղջկա համար։
 +
 +
Սիրելի փեսա, թե դու աղջկա հետ սիրալիր վարվես, քո պատիվդ էլ շատ կլինի։ Երբ ուզենաս զոքանչիդ կամ աներոջդ տեսության գնալ՝ քեզ շատ սիրով կընդունեն, համեղ պատառներով կկերակրեն, անուշ խմիչք կխմացնեն, ձիուդ ախոռը կտանեն և առատ խոտ ու գարի կլցնեն մսուրը։
 +
 +
Չլինի, թե ով փեսա, մտքովդ անցնի աղջկան մտրակով խփել, որ նա կծկվի մի անկյունում և դառն լաց լինի, ինչպես ստրուկին են ծեծում և լացացնում․ չէ՞ որ հայրական տանը ոչ մեկի մտքով չի անցել աղջկա խաթրին կպչել, ուր մնաց, թե մտրակով խփել․ հոր տանն աղջիկը երբեք չի կծկվել մութ անկյունում ու լաց չի եղել։
 +
 +
Սարի պես կանգնած եղիր կնոջդ մեջքին, որ սկսեսուրը սիրտ չանի նրան խփել, որ սկեսրայրը չգոռգոռա վրան։ Թե հյուր եկած մարդիկ կամ հարևանները բամբասեն կնոջդ և քեզ ստիպեն, թե ծեծիր կնոջդ, երբեք այդպիսի բան չանես, և բնավ ձեռք չբարձրացնես այս քնքուշ թռչնակի վրա, չէ՞ որ երեք տարի դու այս աղջկա կարոտով էիր վառվում, որ հետն ամուսնանաս։
 +
 +
Քո սիրունիկ կնոջը, որ ոսկե խնձորի նման չքնաղ է, դու բարի խորհուրդներ տուր և խրատիր, թե՛ այն ժամանակ, երբ մի բարձի վրա եք պառկած, և թե՛ այն պահին, երբ ուզում ես գործի գնալ։ Եվ ամբողջ տարվա ընթացքում մերթ խոսքով հասկացրու նրան իր անելիքը, մերթ աչքով֊ունքով, մեկ֊մեկ էլ ոտքդ նշանակալից տպտպացրու գետնին, և այսպես՝ երեք տարի շարունակ։
 +
 +
Թե որ չորրորդ տարում տեսնես, որ նա քեզ չի լսում և քո խրատներին ուշադրություն չի դարձնում, դու միայն բարակ ճիպոտով վախեցրու նրան, բայց ո՛չ մտրակով և ո՛չ էլ մահակով երբեք չխփես կնոջդ։ Այս էլ իմացիր՝ ճիպոտդ էլ այնպես տուն բեր անտառից, որ ոչ մի հարևան չտեսնի և չկարծի, թե դու ուզում ես կնոջդ ծեծել։
 +
 +
Իսկ թե նորից քեզ չլսի, այն ժամանակ կեչու դալար ճյուղը կտրիր և դրանով խրատ տուր։ Բայց երբեք կնոջդ չխփես ոչ դաշտում և ոչ էլ անտառում, որ չլինի թե մարդ իմանա և կնոջդ լացի ձայնն օտար մարդ լսի։
 +
 +
Թե ստիպված լինես ծեծել կնոջդ, միայն ուսերին խփիր, մի քիչ էլ մեջքը կակղացրու․ երբեք չխփես կնոջդ գլխին, ականջներին կամ դեմքին, թե չէ կարող է ճակատին ուռուցք առաջանալ, աչքերի տակը կապտել և այն ժամանակ կեսրայրն ու սկեսուրը, հարևանները կնկատեն այդ, կսկսեն հարց ու փորձ անել կնոջդ և կանայք ծիծաղելով կասեն․
 +
 +
«Այս աղջիկը կռվո՞ւմն է վիրավորվել, թե՞ գայլը կամ արջն են սրան հոշոտել։ Ո՛չ, ինչպես երևում է, ամուսինն է կատաղած գայլ, կամ մրթմրթան արջ»։
 +
 +
Վառարանին պառկած էր մի աղքատ ծերունի, այսպիսի խոսքերով նա դիմեց փեսային․
 +
 +
«Լսի՛ր, ով դու ճարտար դարբին Իլմարինեն, շատ ծանր ու թեթև մի արա, թե ինչ կասի, կխոսի կինդ, ինչպես ես, ողորմելիս էի անում, երբ դեռ նոր էի ամուսնացել։ Ընտիր հաց ու միս էի առնում բերում տունը, մյուս օրը ձուկ, կարագ և ամեն տեսակ ուտելիք, հետն էլ գարեջուր, բայց ոչ մի բանը չէր գոհացնում կնոջս։ Մեկ էլ տեսար մազմորուքս կքաշքշեր, կգոռար, թե ես հաստակող, տխմարի մեկն եմ և ոչ մի կարգին բան չեմ բերում տունը։
 +
 +
Այսպես մի քանի տարի տառապեցի, վերջն այլ ելք գտա․ վերցրի բարդենու դալար ճիպոտն ու տուն եկա․ երբ կինս ճիպոտը ձեռքիս տեսավ՝ վզովս ընկավ և ասաց․ «Իմ թանկագին ամուսին»։
 +
 +
Հարսնացուն նորից ծանր հոգոց հանեց, լաց եղավ և այսպես խոսեց․
 +
 +
«Շուտով գալիս է իմ բաժանվելու ժամը։ Ախր առաջ երբեք չէի մտածել, թե կարող եմ հեռանալ հորանցս տանից։  Ահա խմում են վերջին բաժակները, դրսում էլ սահնակներն են պատրաստում։
 +
 +
Շատ գոհ եմ իմ հորից, որ ինձ համար ոչինչ չի խնայել։ Շատ և շատ գոհ եմ մայրիկից, որ ինձ կաթով է սնուցել, օրորոցս է օրորել և անքուն գիշերներ լուսացնելով, ինձ մեծացրել է։
 +
 +
Անչափ գոհ եմ եղբորիցս, քրոջիցս, որոնք ինձ սիրել, փայփայել են։
 +
 +
Գնում եմ և կարոտով հրաժեշտ եմ տալիս իմ հարազատներին, մեր տանը, մեր բակին, մեր արտերին և մարգագետիններին, մեր թավուտ անտառներին ու մեր չքնաղ պուրակներին։
 +
 +
Թե որ պատահի ետ գամ մեր տունը, գուցե հորս ու մորս այլևս չտեսնեմ և նրանք իմ ձայնը չլսեն։
 +
 +
Մեկ էլ ու մեկ էլ մնաք բարով հայրիկ ու մայրիկ, իմ սիրելի եղբայր և հարազատ քույր․ մնաք բարով դաշտ ու անտառ, քաղցրահամ պտուղներ, մնաք բարով լճեր և կղզիներ, բլուրներ և հովիտներ»։
 +
 +
Վերջապես Իլմարինենը աղջկան սահնակ նստեցրեց, մտրակով խփեց ձիուն և նույնպես մնաք բարով ասաց դաշտերին, անտառներին և իրեն ճամփու դնող խնամիներին։
 +
 +
Երբ Իլմարինենը գյուղից դուրս էր գալիս, երեխաները նրա ետևից սկսեցին երգել․
 +
 +
«Ամպերից մի սև թռչուն իջավ, թռավ հասավ մեր աշխարհը, մեր թռչնակին, մեր քնքուշ ծաղկին հափշտակեց ու տարավ։ Այնքան էլ թանկ չնստեց անգին բեռը, մի քանի արծաթով հրապուրեց ու տարավ։ Էլ ո՞վ մեզ ծովափ կտանի, ո՞վ մեզ համար երգեր կերգի»։
 +
 +
Ձին գնաց մեկ օր, երկու օր և ահա՛ երրորդ օրվա իրիկնամուտին ճարտար դարբինը տեսավ իր տունը, տեսավ իր հարազատ օջախի թունդ ծուխը, որ քուլա֊քուլա բարձրանում էր ամպերին։
 +
 +
 +
==Ռունա ԻԵ==
 +
 +
Իլմարինենի մայրը դիմավորում է որդուն և հարսին․ Վեյնեմեյնենը իմաստուն երգերով ուրախացնում է հարսանիքավորներին
 +
 +
 +
Ինչպես ջահելները կարոտով սպասում են գարնան արևին, ինչպես երեխաները սպասում են, որ պտուղներն հասունանան անտառում, ինչպես ծովն սպասում է նավի․ այդպես էլ Իլմարինենի բարի մայր Լոկկան աչքը ջուր կտրած, սպասում էր իր որդուն և հարսին։
 +
 +
Առավոտ շուտ լուսամուտից նայում էր բակը, գուցե արդեն տեղ է հասել սահնակը․ ցերեկներին գնում կանգնում էր ճամփին և նայում անտառի կողմը, գուցե երևա սահնակ քաշող ձիու գլուխը․ երեկոներն էլ տան ցանկապատի մոտ կանգած, ականջը սրած սպասում էր, գուցե թե լսի սահնակի սղղոցը։
 +
 +
Կարոտած մոր հետ սպասում էր ամբողջ գյուղը․ մեծն էլ ու փոքրն էլ ուզում էին բախտավորված տեսնել ճարտար դարբին Իլմարինենին։
 +
 +
Եվ ահա՛ մի պայծառ առավոտ Լոկկան լսեց, որ անտառի ծառերն անուշ խշշում են, հետո լսեց ձիու սմբակների դոփյուն, ապա զանգակների զնգզնգոց։ Եվ քիչ հետո շքեղ սահնակը կանգնեց պապերի սարքած տան առաջ։
 +
 +
Սահնակի մեջ Լոկկայի հարազատ որդի Իլմարինենն է, կողքին էլ սիրունիկ հարսը, իսկ նրանց ետևից գալիս են հարս ու փեսային ուղեկցող հյուրերը։
 +
 +
Լոկկան, Կալեվալայի դուստրը, որ դեռ թարմ էր մնացել գարնան ծաղկի պես, այսպիսի խոսքերով դիմեց որդուն՝ Իլմարինենին։
 +
 +
«Ամբողջ ժամանակ, գիշեր֊ցերեկ մտածմունքի մեջ էի, թե ե՞րբ կվերադառնա իմ անուշիկ որդին․ ի՛նչ լավ եղավ, որ ողջ֊առողջ, բախտավորված տուն ես հասել։ Հիմա ձին սահնակից կարձակենք, կկապենք մսուրը, առաջը կլցնենք այն անուշ խոտից ու գարուց, որ միշտ ախորժակով կերել է։ Դու էլ, իմ սիրելի որդի, բոլորին, մեր գեղի մեծին ու փոքրին բարև տուր, բարև առ և պատմիր գլխովդ եկածը։ Հո շատ փորձանքի չե՞ս հանդիպել ճամփին։ Ինչպե՞ս քեզ ընդունեց զոքանչդ․ հանգիստ տունը մտար և նստեցիր աթոռին, թե՞ ստիպված եղար կռիվ անել, աներոջդ տան դուռը ջարդել, աղջկան զոռով փախցնել։
 +
 +
Չէ՛, տեսնում եմ, որ առանց հարց ու փորձի էլ, առանց պատասխանի էլ ամեն ինչ լավ, բարեհաջող է վերջացել և տղաս տիրացել է այս անուշիկ աղջկան։ Հապա այն ո՞վ է, որ սուտ լուրեր է տարածել, թե փեսան դատարկ ձեռքով է վերադարձել, իզուր նա զուգվեց֊զարդարվեց, սահնակին լծեց կայտառ ձին և գնաց օտար աշխարհ։ Չէ՛, այդ չար լեզուների ասածը թող քամին տանի։ Տեսնում եմ, որ տղաս բերել է այն անուշիկ բադիկը, այն դալար ճյուղը, որի կարոտով ապրում էր մի քանի տարի։
 +
 +
Դե, որ այդպես է, բոլորդ, ովքեր հավաքվել եք այստեղ, ուրախացեք, թող ուրախանան արևն ու լուսինը, թող ուրախանան բոլոր դյուցազունները՝ մեծն ու փոքրը, որ իրենց սիրելի դարբինը վերադարձել է»։
 +
 +
Այդ պահին մի փոքրիկ չարալեզու տղա ասում էր ընկերներին․
 +
 +
«Այ, դու չարաբախտ փեսա, ամբողջ կյանքումդ հույս ունեիր, թե այնպիսի կին ձեռք կբերես, որ հազար֊հազար անգին գանձ արժենա, բայց մի այնպիսի կին է քեզ բաժին ընկել, ոնց որ ճահճում նստած ագռավը, ոնց որ անբան կաչաղակը, մի անպետք սև թռչուն։
 +
 +
Այդ աղջիկն ամբողջ ամառը պարապ֊սարապ թրև էր գալիս, ոչ մի թաք գուլպա գործեց, ոչ էլ ձեռնոց։ Օժիտ էլ չունի հետը, սնդուկի մեջ մկներն են պար բռնել»։
 +
 +
Կալեվալայի պարծանքը, բարի Լոկկան, լսեց այդ տարօրինակ խոսքերն ու այսպես ասաց․
 +
 +
«Ա՛յ, չարալեզու տղա, ինչո՞ւ ես սուտ բաներ ասում․ գուցե մի ուրիշ տեղ կա այդպիսի անպետք հարս, բայց իմ հարսի նման հարս չկա աշխարհում․ ոչ Գերմանիայում, ոչ Էստոնիայում այդպիսի աղջիկ չի ճարվի․ հարսիս աչքերը՝ ոնց որ երկնքի աստղերը, բերանը քնքուշիկ, ոնց որ բացված վարդ, թևերը ձյունի պես ճերմակ, պարանոցն էլ կարծես կարապից է փոխ առել։
 +
 +
Իմ հարսը շատ լավ օժիտ ունի․ նրա սնդուկի մեջ մուշտակ էլ կա, ամեն տեսակի և գույնի շրջազգեստ և էլի շա՛տ ընտիր բաներ։
 +
 +
Իմ հարսը շատ լավ հյուսվածքներ է արել և շնորհքը թափվում է մատներից»։
 +
 +
Հետո Լոկկան դարձավ հարսին և ասաց․
 +
 +
«Դու իմ չքնաղ հարս, գիտեմ, որ քո շենքով֊շնորհքով հորդ տան պարծանքն էիր․ այստեղ, քո ամուսնու տանն էլ այնպես արա, որ մենք էլ պարծենանք քեզնով։ Ապրիր քեզ համար ուրախ֊զվարթ․ չէ՞ որ դու եկել ես մի աշխարհ, որտեղ հողն ամենայն բարիք տալիս է մարդուն։ Ճամփին դու արդեն տեսած կլինես, թե արտում քանի բարդ ցորեն ու գարի ունենք, ինչքան խոտ ու դարման, այդ բոլորը քո ամուսնու շնորհքն է․ նա թե լավ դարբին է, թե լավ վար ու ցանք անող։
 +
 +
Քեզ նման սիրուն թռչնակի համար այստեղ ամեն հարմարություն կա․ տան աթոռները շատ լավն են, իսկ բաղնիքում ողորկ տախտակ է դրված սալերին, որ ուզած ժամանակ լողանաս։ Տանտերը քեզ հայրություն կանի, տիրուհին ոնց որ հարազատ մայր, նրանց տղաներին  քո եղբայրները համարիր, իսկ աղջիկներն արդեն քեզ քուրություն կանեն։
 +
 +
Թե որ ցանկանաս ուտել այն ձկնից, որ հորդ տանն ես կերել, կամ այն որսացուից, որ եղբայրդ է որսացել, դու տաքերդ կամ կեսրոջդ մի հարցրու, այլ ուղղակի խնդրիր քո ամուսնուց։ Ոչ մի վայրի կենդանի կամ թռչուն չի կարող ազատվել քո ամուսնու նետից․ խոր ծովում լողացող ոչ մի ձուկ չի կարող պրծնել քո ամուսնու ցանցից․ նա քո սրտի ուզածը կբերի քեզ, երբ ցանկանաս»։
 +
 +
Սկսեցին հարսանիքավորներին հյուրասիրել։ Ընտիր մսեղենը, հացն ու գարեջուրն անպակաս էր սեղանից։ Մի կողմից էլ մեղրն ու կարկանդակներն էին բերում հյուրերի համար։
 +
 +
Կերան֊խմեցին․ նորից բոլորն ուզեցին լսել անուշ երգեր։ Բայց ո՞վ պիտի երգի։ Իհարկե ծերուկ, հավատարիմ, հավերժական երգասաց Վեյնեմեյնենը։ Եվ նա սկսեց երգել․ և այսպես էր նրա երգը․
 +
 +
«Ամենից առաջ փառաբանենք այս տունը կառուցողին․ նա հմուտ վարպետ էր, որ կարողացավ ճահիճների մեջ հարմար տեղ ընտրել, և ամենաամուր ծառերից՝ կաղնիներից և եղևնիներից, սոճիներից և կեչիներից այնպիսի ամուր տուն կառուցել, որ սերնդե սերունդ դիմանում է։ Հարյուր և հարյուր վարպետ էր աշխատում այս տան վրա, ո՛րը պատերն էր տեղը դնում, ո՛րը կտուրն էր սարքում, մյուսներն էլ տան միջի հարմարություններն էին տեղը֊տեղին սարքավորում։
 +
 +
Հիմա էլ փառաբանենք տանտիրուհուն, որ այսպիսի ուրախ սեղան է բացել մեզ համար, իր ձեռքերով թխել է փափլիկ բաղարճներ, և ամեն տեսակ ընտիր կերակուրներով՝ խոզի մսով, սերով ու կարագով, ընտիր ձկներով և անուշ գարեջրով հյուրասիրում է մեզ։
 +
 +
Բարի տիրուհի Լոկկան, ահա՛ մի շաբաթ է, որ հանգիստ չունի։ Լուսադեմին, դեռ աքլորը չկանչած, վեր էր կենում, որ խրախճանքի համար այս ճոխ պատրաստությունը տեսնի և բոլորին գոհացնի։
 +
 +
Հերթը հասավ, որ փառաբանենք մեր նորափեսա ճարտար դարբին Իլմարինենին․ նա հագել է ամենաթանկագին զգեստները և ահա՛, տեսեք՝ ո՞ր դյուցազունը կհասնի նրան։ Մազերը կարծես ոսկյա հյուսկեր լինեն, դեմքն էլ պայծառ՝ արևի նման։
 +
 +
Հապա մեր չքնաղ հա՞րսը։ Տեսե՛ք, ինչ չնաշխարհիկ մանյակ է զարդարում նրա պարանոցը, բազուկներին թանկագին ապարանջաններ են, իսկ մատներին ոսկյա մատանիներ, ականջի օղերն էլ անգին մարգարիտներով զարդարված։
 +
 +
Երբ աղջկանը տեսա, կարծեցի թե արևն ու լուսինն են երկնքից վար իջել և շողք են արձակում մեզ վրա։
 +
 +
Դե, հիմա էլ փառաբանենք մեր սիրելի հյուրերին։ Բոլորն էլ անվանի դյուցզուններ են, ծերունիները կաղնու պես ամուր են մնացել, սիրունիկ և կայտառ են երիտասարդները։ Հենց որ տեսա մեր հյուրերին, բոլորն էլ ինձ ծանոթ֊հարազատ մարդիկ երևացին։ Բոլորն էլ հագել են ճերմակ զգեստներ, կարծես թե բարի առավոտու լույսն է կաթել նրանց վրա։ Ձեզ համար, թանկագին հյուրեր, ամեն ինչ անպակաս է այս շեն տանը»։
 +
 +
Հյուրերն ամենայն բարիք մաղթեցին նորապսակներին և ո՛րը սահնակով, ո՛րը ձիով ճամփա ընկան իրենց տները։
 +
 +
Ծերուկ երգասաց Վեյնեմեյնենն էլ բռնեց իր տան ճամփան։ Անցավ թավուտ անտառներով և փարթամ պուրակներով․ ամեն տեղ լսվում էր նրա հմայիչ երգը։
 +
 +
Բայց հանկարծ ծերունին դադարեց երգելուց, սահնակը դիպավ ճամփի միջին դուրս ցցված մի քարի և ջարդվեց․ կողերը պոկվեցին, հիմնաձողը կտոր֊կտոր եղավ։ Վեյնեմեյնենի մոտ գործիք չկար, որ սահնակը նորոգեր։ Նա այսպիսի խոսքեր ասաց այդտեղ հավաքված մարդկանց․
 +
 +
«Երիտասարդների կամ ծերերի մեջ չկա՞ մեկը, որ իջնի Տոունելի գետի խորերը, Մանալի թագավորություն հասնի և այնտեղից բերի մի գայլիկոն, որ ես կարողանամ սահնակը նորոգել և տուն հասնել»։
 +
 +
Երիտասարդները և ծերերը միևնույն բանն ասացին․
 +
 +
«Մեր մեջ չկա մի այնպիսի քաջ հերոս, որ սիրտ անի աջնել Տուոնելիի ջրերի խորերը, Մանալի թագավորությունն հասնել և գայլիկոն բերել, որ դու կարողանաս նավակը սարքել»։
 +
 +
Ինքը, ծերուկ հավերժական երգասացը, գնաց իջավ Տուոնելիի ջրի խորերը, հասավ Մանալի թագավորությունը և բերեց գայլիկոնը։
 +
 +
Սկսեց երգել․ կաղնիներից, կեչիներից և մյուս ամուր ծառերից սահնակի կողերը սարքեց, ապա հիմնաձողը և բոլոր մյուս մասերը կարգի բերեց, հետո լծեց ձին։
 +
 +
Ձին փռնչաց, առանց մտրակելու առաջ սլացավ և շուտով երգասացին հասցրեց տան շեմը։ Վեյնեմեյնենը ուրախացած մտավ իր նվիրական հարկի տակ։
 +
 +
 +
==Ռունա ԻԶ==
 +
 +
Լեմմինկայնենը շատ դժվարություններ հաղթահարելով հասնում է Պոխյոլա
 +
 +
 +
Պոխյոլայից ոչ հեռու, Կաուկո հրվանդանի դիմացի կղզում էր ապրում  դյուցազն Լեմմինկայնենը, ինքը՝ Կաուկոմեյլին։ Նա վար ու ցանք էր անում, խնամում էր արտերը։ Հերոսի լսողությունը շատ սուր էր։
 +
 +
Ծովափից լսեց ինչ֊որ ձայներ, ձիերի խրխնջոց, հետո արդեն Պոխյոլայից հասնող խրախճանքի զվարթ ձայները։ «Կա չկա, այնտեղ հարսանիք են անում», ― մտածեց հերոսը։
 +
 +
Մտածեց ու շատ տխրեց․ սև գանգուրներն իջան ճակատին, արյունը խփեց երեսը․ էլ չկարողացավ վար ու ցանք անել․ իսկույն թռավ ձիու մեջքին, տուն հասավ և իր պառավ մորը դիմեց այսպիսի խոսքերով։
 +
 +
«Իմ սիրելի մայրիկ, շուտ ինձ ուտելիք բեր, բե՛ր, անկշտում ուտեմ, ուտեմ ու հագենամ։ Տաքացրու բաղնիքը, որ մի լավ լողանամ, մաքրվեմ և երևամ, ոնց վայել է գեղեցիկ հերոսին»։
 +
 +
Մայրը պատրաստեց որդու ուզածը։ Տղան կերավ կշտացավ, հետո բաղնիք գնաց, լավ մաքրվեց։ Շիկահեր մազերը փայլ ստացան, իսկ պարանոցն արծաթի պես սպիտակին էր տալիս։ Հետո եկավ և մորն ասաց․
 +
 +
«Մայր իմ սիրելի, գնա՛, իմ լավ հագուստները բեր, որ հագնվեմ, ինչպես վայել է քո հերոս որդուն»։
 +
 +
Մայրն հարցրեց․
 +
 +
«Ո՞ւր ես գնում, որդյակ իմ, որսի՞, թե՞ ուզում ես ծովը գնալ ձուկ բռնելու»։
 +
 +
Լեմմինկայնենը պատասխանեց․
 +
 +
«Իմ հարազատ մայր, ոչ որսի եմ գնում, ոչ էլ ուզում եմ ձուկ բռնել։ Գնում եմ Պոխյոլա, անտեղ ինձնից գաղտնի հարսանիք են անում։ Միայն շուտ, իմ ամենալավ վերնաշապիկը բեր, նոր կարած կապան բեր, որ հագնեմ, գնամ պառավ Լոուխիի խրախճանքին, ցույց տամ, թե ես ինչ շենք ու շնորհքի տեր եմ, այնպես, որ հարսանիքում բոլորի աչքն ինձ վրա լինի»։
 +
 +
Մայրը չէր ուզում որդուն թողնել, որ Պոխյոլա գնա, Լեմմինկայնենի կինը՝ սիրունիկ Կյուլլիկկին էլ շատ թախանձեց, որ ամուսինը չգնա այդ վտանգավոր երկիրը, բայց դյուցազնը չլսեց։ Մայրը նորից թախանձեց․
 +
 +
«Իմ ազիզ որդի, մի գնա Պոխյոլայի խրախճանքին։ Չէ՞ որ քեզ չեն հրավիրել»։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենը պատասխանեց․
 +
 +
«Թուլամորթն է գնում հրավերով։ Կտրիճը գնում է առանց հրավերի։ Ես պողպատե թուր ունեմ ձեռքիս, թուր, որ կայծեր է ցայտում»։
 +
 +
Իսկ մայրն ուզում էր որդուն ետ պահել, ուստի կրկին հորդորեց․
 +
 +
«Իմ թանկագին որդի Կաուկո, դու մի գնա Պոխյոլայի խնջույքին։ Սարսափելի է այդ երկիրը․ ամեն քայլափոխում վտանգի կհանդիպես․ այնտեղ գնացող հերոսը ճամփին երեք անգամ կկանգնի մահվան դեմ֊հանդիման և չի կարողանա խուսափել դաժան օրհասից»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Ամեն տեղ էլ մահը կարող է վրա հասնել, վախկոտ մարդն է, որ տանից դուրս չի գալիս, նա սարսափում է մահից, իսկ հերոսն հաղթահարում է ամեն վտանգ, արհամարհում է մահը։ Ինչ ուզում է լինի, ես պիտի գնամ, միայն դու, սիրելի մայրիկ, ասա՛, թե այդ ինչ դժվարություններ են, ինչ վտանգներ կա ճամփին, որ առաջուց իմանամ և անփորձ դուրս գամ թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ մահ֊սպառնացող վտանգներից»։
 +
 +
Մայրը պատասխանեց․
 +
 +
«Ես քեզ կասեմ ճշմարիտը․ առաջին օրն հենց դու կկանգնես մահվան դեմ հանդիման․ դեռ մութը վրա չհասած դու կհանդիպես բոցավառ գետի։ Բոցեղեն ալիքների վրա լողում է մի հրեղեն կղզի, կղզու եզրին էլ մի բոցկլտուն հրվանդան կա։ Հրվանդանի վրա էլ նստած է մի հրեղեն արծիվ։ Գիշերներն այդ արծիվը իր կտուցն է սրում, ցերեկն էլ մագիլները, որպեսզի իր մագիլներում խեղդի և կտուցով հոշոտի նրան, ով սիրտ կանի անցնել բոցեղեն գետի մոտով»։
 +
 +
Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը՝ Կաուկոմեյլին պատասխանեց․
 +
 +
«Ո՛չ, հերոսներն այդպիսի բանից չեն վախենա․ արծվի ճանկերում կարող են տխմար կանայք մեռնել։ Ես, կախարդանքով, լաստենուց ձի կսարքեմ․ ձին իմ կողքից կերթա, հետո առաջ կանցնի, մինչև արծիվը կուզենա ձիու հետ դատաստան տեսնել, ես բադի կերպարանք կառնեմ, կսուզեմ գետի մեջ և ինչքան կուզի, թող արծվի կտուցն ու մագիլները սուր լինեն․ ես անփորձ դուրս կգամ գետի մյուս ափը և կերթամ իմ ճամփով։ Դե, հիմա, սիրելի մայրիկ, ասա՛ դրանից հետո ի՞նչ փորձանքի պիտի հանդիպեմ»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
«Երկրորդ օրը կհանդիպես մի լայն ու երկար խանդակի՝ մի ծայրով արևելք, մյուսով արևմուտք ձգված։ Խանդակը լիքն է բոցկլտուն քարերով։ Այդտեղ իրենց մահն են գտել սրերով և նիզակներով զինված հազարավոր կտրիճներ․ էլ ո՞նց կարող ես գլուխդ ազատել այդպիսի վտանգից»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Այդպիսի բաներից հերոսը չի մեռնի․ դրանից էլ գլուխս կազատեմ։ Ես սառցից կամ ձյունից մարդ կսարքեմ։ Սառցե մարդը կնետեմ բոցկլտուն քարերի վրա, իսկ այդ ժամանակ, մինչև սառցե մարդը կհալվի, ջեռ կրակները կսառչեն․ ես կթռչեմ խանդակի վրայով, կանցնեմ մյուս կողմը, իսկի մի մազս էլ չի այրվի։ Դե հիմա, սիրելի մայրիկ, ասա, ո՞րն է երրորդ փորձանքը»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
«Ահա՛ թե որն է երրորդ վտանգը։ Մեկ օր էլ կերթաս քո ճամփով և ահա՛ կհասնես Պոխյոլայի դարբիններին։ Այնտեղ խավարում պահ է մտած գայլը։ Այնտեղ է թաքնված նաև արջը․ հենց նեղ ճամփի միջում նրանք քեզ կխժռեն․ հազարի չափ հերոս են կուլ գնացել նրանց անկուշտ ռեխին․ մի՞թե նրանք կխնայեն քեզ, ով իմ անպաշտպան որդի»։
 +
 +
Այսպես պատասխանեց Լեմմինկայնենը, այն կտրիճ Կաուկոմեյլին․
 +
 +
«Գայլն ու արջը կարող են հոշոտել գառնուկներին․ բայց ոչ մի հերոսի, նույնիսկ ամենասովորականին, նրանք չեն կարող վնասել։ Իսկ ես մեջքիս ունեմ տղամարդու քամար, ճարմանդավոր զգեստներ, գիտեմ թե ինչպես պետք է կռվեմ գայլի ու արջի դեմ։ Կախարդանքով, թե՛ գայլի և թե՛ արջի բերանին սանձ կդնեմ, մի հարվածով նրանց կտոր֊բրդուջ կանեմ և բոլոր վտանգները հաղթահարած ազատ առաջ կերթամ իմ ճամփով»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
«Ինչ որ ասի, դեռ բոլորը չէ․ երեք տեսակ սարսափելի փորձանքի էլ կհանդիպես, մինչև տեղ հասնես․ իսկ չորրորդ փորձանքն սպասում է քեզ հենց Պոխյոլայում։ Քիչ էլ գնաս կտեսնես մի բարձր երկաթե ցանկապատ։ Այդ ցանկապատի ցցերը ոչ թե ձողերով են կապկպված իրար, այլ կապկված են սարսափելի օձերով, հենց դարբասի դռանն էլ գալարվում է մի մեծ թունավոր֊վիշապ օձ․ նա ունի հարյուր աչք և հազար խայթիչ․ հենց որ մոտենաս, նա իր ահռելի բերանը բաց կանի և քեզ ողջ֊ողջ կուլ կտա»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Երեխաները կարող են օձի երախին կուլ գնալ և ոչ թե ինձ նման հերոսը։ Չէ՞ որ ես ժամանակին օձերով լիք արտն եմ վարել, և ինձ ոչ մի վնաս չի հասել․ դեռ փոքր ժամանակս էլ հարյուրավոր օձեր եմ սպանել, բկիցը բռնել ու խեղդել։ Հիմի էլ կկախարդեմ, կսպանեմ և առաջ կերթամ ու համարձակ կմտնեմ Լոուխենի տունը»։
 +
 +
Մայրն էլի հորդորեց․
 +
 +
«Իմ սիրելի որդի, մի գնա դաժան Պոխյոլան, մի մտնիր Սարիոլիի այդ չար պառավի տունը, այնտեղ բոլոր մարդիկ զինված են, խմել են և գլուխները տաքացել է․ նրանք քեզ կկախարդեն և կսպանեն։ Չէ՞ որ քեզնից ավելի ուժեղներին և քեզնից ավելի շատ կախարդանքներ անողին են մեռցրել»։
 +
 +
Կտրիճ Կաուկոմեյլին պատասխանեց․
 +
 +
«Ախր ես շատ եմ ապրել այդ Սարիոլիում․ լապլանդացիների հետ շատ եմ գլուխ դրել․ նրանցից ես վախ չունեմ․ ինքս նրանց կկախարդեմ, մարմինը մաս֊մաս կանեմ»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
Ո՛վ իմ դժբախտ զավակ, դու միշտ անցածն ես հիշում․ իհարկե, դու շատ օրեր ես անցկացրել Սարիոլիի խրճիթներում, շատ փորձանքների ես հանդիպել, մինչև իսկ Տուոնելիի սև ջրերի հորձանքի մեջ խեղդվել, Մանալի ստորջրյա աշխարհն ես իջել, բայց եթե քո խեղճ մայրը քեզ օգնության չհասներ, դու այնտեղ էլ կմնայիր և այլևս լույս աշխարհը չէիր տեսնի։
 +
 +
Լսիր ինձ, հենց որ Պոխյոլա, պառավ Լոուխենի բակը մտնես, նրանց բակում տանտերը բազմաթիվ սրածայր սյուներ է տնկել և ամեն մի սյան վրա մարդու գլուխ է ցցված․ միայն մի սյուն է ազատ մնացել, այն էլ քեզ համար է»։
 +
 +
Կտրիճ Լեմմինկայնենը պատասխանեց․
 +
 +
«Թող անբան տխմարներն այդպիսի բաներից վախենան․ ո՛չ թե մեկ, այլ վեց֊յոթ անգամ եմ ես եղել  ամենադաժան կռիվների մեջ և երբեք չեմ իմացել, թե ինչ բան է վախը։ Սիրելի մայրիկ, բե՛ր իմ զինվորական զգեստները, բե՛ր իմ հայրիկի թուրը․ շատ ժամանակ է նա մութ անկյունում ընկած անբան մնացել․ ժամանակն է, որ ես հորական թուրս գործի դնեմ»։
 +
 +
Կտրիճը հագավ զինվորական զգեստները, կապեց պողպատե քամար․ քամարի մի կողմից կապեց հորական թուրը, մյուս կողմից տապարը․ մեջքին էլ ուներ հոր նիզակը։ Եվ այսպես խոսեց․
 +
 +
«Հապա, այն ո՞ր պոխյոլցին է, որ կարող է իմ թրին դեմ կանգնել, ես Սարիոլիի այն տղամարդին հերոս կանվանեմ, ով ինձ հետ կկարողանա չափվել իր ուժով»։
 +
 +
Եվ ստրուկին հրամայեց, որ սահնակը պատրաստի, լծի ամենալավ ձին։
 +
 +
Երբ արդեն կտրիճ Լեմմինկայնենը սահնակ էր նստել, մայրը կրկին խրատեց․
 +
 +
«Դու իմ մինուճար որդի, դե բարի ճամփա, գնա ուր որ կուզես։ Գիտեմ, գնում ես, որ հասնես խրախճանքին, միայն թե հիշիր խրատս, եթե քեզ մի թաս գարեջրով հյուրասիրեն, դու միայն գարեջրի կեսը խմիր, մյուս կեսը թող հյուրասիրողը խմի, որովհետև թասի հատակին ամեն տեսակ աղտեղություններ կլինեն»։
 +
 +
Տղան արդեն սահնակը դարբասից դուրս էր քշել․ մայրն էլի խոսեց․
 +
 +
«Երբ մտնես այն սենյակը, ուր մարդիկ քեֆի են նստել, դու նստարանի կես մասի վրա նստիր, թող մյուս կեսին նստի քեզ հրավիրողը։ Այսպիսով դու պատրաստ կլինես ամեն փորձանքի դեմ գնալու և չես խաբվի»։
 +
 +
Լեմմինկայնենը մտրակեց ձիուն։ Սահնակն առաջ էր սուրում։ Քիչ անց կտրիճը տեսավ թռչունների մի մեծ երամ․ երամն անցավ ձիու գլխավերևով։ Թռչունների մի քանի փետուրներ ընկան ճամփի վրա։ Լեմմինկայնենը վերցրեց փետուրները և դրեց գրպանը․ ո՞վ է իմանում, երբ կարիքի մեջ ընկնես, ամենահասարակ բանն էլ պետք կգա։
 +
 +
Քիչ էլ առաջ գնաց, մեկ էլ ձին փռնչաց և ականջը ձայնի, վախեցած մնաց տեղում։
 +
 +
Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին, կանգնեց սահնակի միջում և առաջը նայեց․ դիմացը բացվեց այն տեսարանը, ինչ գուշակել էր մայրը։ Ահա՛ բոցավառ գետի մեջտեղում կա մի բոցկլտուն բլուր․ բլուրին կանգնած է հրեղեն արծիվ․ նա կտուցով կրակն է խառնում և բերնից կայծեր են թռչում այս ու այն կողմի վրա։ Արծիվը տեսավ հեռվից եկող Լեմմինկայնենին և հարցմունք արավ․
 +
 +
«Այդ ո՞ւր ես գնում, Կաուկո»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Պոխյոլա, հարսանիքի հանդեսին եմ գնում։ Ճամփից մի քիչ դենը գնա, ով արծիվ, և թո՛ղ, որ կտրիճ Լեմմինկայնենը գնա իր ճամփով»։
 +
 +
Արծիվը պատասխանեց․
 +
 +
«Իհարկե, ճամփա կտամ․ ահա՛ բերանս բաց եմ արել․ կտրիճ Լեմմինկայնենը թող գա՛, մտնի՛ կոկորդս, այնտեղից էլ հերոսը թո՛ղ անցնի իմ ստամոքսը․ այնտեղ մի լավ քեֆ կանի և ուզածի չափ կհանգստանա»։
 +
 +
Տղան շատ մտահոգվեց, բայց իսկույն ելքը գտավ, ձեռքը տարավ գրպանը, հանեց թռչունների փետուրները, սեղմեց իրար, մի գունդ սարքեց և սկսեց տրորել իր զորեղ ափերի մեջ։ Եվ ահա՛ քիչ անց օդը լցվեց կաքավների և խլահավերի երամով։ Կտրիճը դրանց արծվի հրեղեն  կոկորդը նետեց․ մինչ արծիվն առատ որսն էր խժռում, տղան համարձակ գնաց իր ճամփով և այդպիսով առաջին փորձանքից ազատվեց։
 +
 +
Մյուս օրը Լեմմինկայնենը շարունակեց ճամփան և ահա՛ ձին կրկին փռնչաց և վախեցած կանգնեց․ տղան նայեց և ի՜նչ տեսնի․ դիմացն այն տեսարանն էր, ինչ գուշակել էր մայրը։ Մի լայն, խորը և երկար խանդակ՝ մի ծայրով արևելք, մյուսով արևմուտք ձգված։ Մեջը լիքն է բոցկլտուն քարերով։
 +
 +
Տղան շատ չմտածեց․ այսպիսի խնդիրք արավ․
 +
 +
«Ո՛վ դու բարձրյալդ, ամենաողորմած երկնավոր հայր, ամպեր ուղարկիր արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից․ թող ամպերն իրար բախվեն և առատ ձյուն տեղա այս խրամատի բոցկլտուն քարերի վրա»։
 +
 +
Երկնային հաստիչ Ուկկոն լսեց կտրիճի խնդիրքը․ ամպեր կուտակեց չորս կողմից, և առատ ձյուն սկսեց տեղալ․ ձյան շերտը հասավ մեկ սաժենի, հալվեց և խանդակը լցվեց ջրով, գոյացավ լիճ և ալիքներն սկսեցին ծփալ ափերին։
 +
 +
Լեմմինկայնենը կախարդանքով մի կամուրջ սարքեց, իր սահնակով անցավ կամուրջի վրայով և այսպիսով երկրորդ անգամ փրկվեց մահից։
 +
 +
Կրկին շարունակեց ճամփան և երբ մոտենում էր Պոխյոլային, ձին փռնչաց ու վախեցած կանգնեց․
 +
 +
Լեմմինկայնենը սահնակից դուրս թռավ և ի՜նչ տեսնի․ գայլն է կանգնած ճամփի միջին, քիչ այն կողմ արջն է դարան մտել։
 +
 +
Կտրիճ Լեմմինկայնենը ձեռքը գրպանը տարավ և ոչխարի բուրդ հանեց այնտեղից․ բուրդը գունդ արավ, տրորեց զորեղ ափերի մեջ։ Եվ ահա՛ քիչ հետո նրա ձեռքերի միջից դուրս թափվեցին բազմաթիվ ոչխարներ և այծեր, մի ամբողջ հոտ։ Գայլն ու արջը ոչխարների և այծերի ետևից ընկան, իսկ ուրախ Լեմմինկայնենը սահնակ նստեց և շարունակեց ճամփան։
 +
 +
Քիչ էլ առաջ գնաց և հասավ Պոխյոլայի տիրոջ բակին։ Այն պատած էր երկաթե ցանկապատով․ բարձրությունը հազար սաժեն էր․ ցցերի տեղ նիզակներ էին խրված և նիզակ֊ցցերն իրար էին կապկված օձերով։
 +
 +
Լեմմինկայնեն ինքը իրեն խոսեց․
 +
 +
«Այստեղ ամեն ինչ այնպես է, ինչ մայրս գուշակեց․ ցանկապատը նույնիսկ ավելի բարձր է․ թռչունը հազիվ թռչի նրա վրայով։ Օձերով լիքն է ցանկապատի շուրջ֊բոլորը»։
 +
 +
Բայց տղան չհուսահատվեց, քաշեց տապարը, ապա թուրը․ տապարով ջարդեց դարպասի ցցերը, թրով կտրատեց֊ջախջախեց օձերին և առաջ անցավ։
 +
 +
Բայց այստեղ արդեն շատ մեծ էր վտանգը․ ճամփին փռված էր վիշապ֊օձը․ նա շատ ավելի մեծ էր, հաստ ու երկար, քան ամենահաստ գերանը․ հարյուր աչք ուներ օձը և հազար հատ էլ թունավոր լեզու․ ատամները ոնց որ երկաթե փոցխ։
 +
 +
Լեմմենկայնենը չվախեցավ, այսպիսի խոսքերով դիմեց օձին․
 +
 +
«Այ դու օձ, քո տեղը խոնավ հողի և ժայռերի մեջ է․ ինչպե՞ս ես համարձակվել գալ պառկել իմ ճամփին և քո զզվելի երախը բացել։ Շո՛ւտ, փակիր երախդ, գլուխդ խոնարհիր, ներս քաշիր թունավոր֊խայթիչ լեզուդ, գունդ ու կծիկ եղիր և դե՛նը կորիր։ Գնա մտիր հեռավոր ծմակները, ճիմերի մեջ է քո տեղը, ինձ ճամփա տուր․ եթե այստեղից չես հեռանա, եթե գլուխդ մեկ էլ ցցես, ապա բարձրյալն Ուկկոն քեզ կխոցի իր նետերով և երկաթե կարկուտ կտեղա քո գլխին»։
 +
 +
Բայց գարշելի օձը բանի տեղ չդրեց հերոսի ասածները, էլի ֆշշացնում էր թունավոր խայթիչով և սպառնում էր իր երախի մեջ առնել դյուցազնի գլուխը։
 +
 +
Լեմմինկայնեն ասաց դարերի խորքից եկած այն խոսքերը, որ լսել էր մայրիկից․
 +
 +
«Եթե դու իմ խոսքերը բանի տեղ չդնես և շուտով այստեղից չհեռանաս, ապա գեշ հիվանդությամբ կսկսես տառապել, երեք կտոր կդառնաս ու կսատկես։ Ես գիտեմ, թե դու ինչ չար ծնունդ ես․ քո մայրը մարդակեր էր և նրա բոլոր վատ հատկությունները քեզ են անցել․ մայրդ լողում էր ծովի խորքերում, ափ ելավ և իր լորձունքը թափեց ավազի վրա։ Այդ ժամանակ ծովափ եկան երկնից դուստրերը․ նրանք ասացին․
 +
 +
«Այս լորձունքից ի՞նչ կստացվի, եթե ամենակարողը սրան շունչ տա, ապա նաև աչքեր»։
 +
 +
Ամենակարողը լսեց նրանց խոսքերն ու պատսխանեց․
 +
 +
«Գարշանքից միայն գարշանք կստացվի, եթե այս թունալից լորձունքին ես շնչավոր դարձնեմ և աչքեր տամ, ապա դա մի նողկալի հրեշ կդառնա»։
 +
 +
Լորձունքը մնաց ափին։ Եվ ահա՛, այն չար Հիյսին, որ ամեն տեսակ վատ գործի պատրաստ էր, լսելով Ամենակարողի խոսքերը, շունչ տվեց այդ անպիտան լորձունքին, աչքեր շնորհեց և ստեղծեց այն գարշանքը՝ նենգ ու թունավոր սև իժը։ Քո սիրտը, քո ուղեղը, ո՛վ դաժան բարքի դաժան ծնունդ, դու ժառանգել ես քո անպիտան մորից, քո աչքերը, քո պոչը, լեզուդ սարքված են երկրի վրա գտնող ամենաքստմնելի նյութերից, անպետք֊թունավոր բույսերից, ծովի և ցամաքի կենդանիների ամենավատ հատկություններից։ Ահա՛ թե ով ես դու, մարդկության թշնամի Հիյսիի նողկալի ծնունդ։
 +
 +
Դու խորամանկ ես ու դավադիր, դու սպանում ես նույնիսկ քեզ լավություն անողին, դու իրավունք չունես փակելու իմ ճամփան․ շուտով դենը կորիր հերոսի ճամփից, թող որ ես անվնաս անցնեմ, գնամ֊հասնեմ Պոխյոլայի հարսանեկան խրախճանքին, թե չէ թրովս ու տապարովս գլուխդ կջախջախեմ»։
 +
 +
Եվ ահա՛ այն հարյուրաչքանի հրեշը գալարվեց և փոխեց ճամփան։ Հերոսի ճամփան բացվեց և նա նստեց սահնակն ու ավելի արագ քշեց, որ գնա հասնի խրախճանքին։
 +
 +
 +
==Ռունա ԻԵ==
 +
 +
Լեմմինկայնենը մենամարտում է Պոխյոլայի տիրոջ հետ
 +
 +
 +
Ահա՛ այսպես, ամեն փորձություններից անցավ իմ քաջ որսորդ Լեմմինկայնենը և ողջ֊առողջ հասավ Պոխյոլայի տիրոջ տունը։ Հիմա արդեն պիտի շարունակեմ իմ երգը և պատմեմ, թե այն կտրիճ Կաուկոմեյլին ինչպես անցկացրեց իր օրը Սարիոլում, ինչպես ընդունեցին տանտերերը մեր դյուցազն Կաուկոյին, մեր անկոչ հյուրին։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենը ուղղակի մտավ Պոխյոլայի տիրոջ տունը։ Երբ հերոսը ներս էր մտնում, խրճիթի հատակն ու առաստաղը ցնցվեցին։ Կտրիճ տղան կանգնեց սենյակի մեջտեղն ու ասաց․
 +
 +
«Ահա ես ե՛ս․ «Բարև և ո՛ղջ լինես» կասեմ նրան, ով ինձ կասի նույն խոսքերը․ ո՜վ դու Պոխյոլայի տեր, արդյոք քո ախոռում տեղ կլինի՞ իմ ձիու համար․ գարի կլցնե՞ն նրա առաջ, իսկ ինձ գարեջրով կհյուրասիրե՞ք»։
 +
 +
Պոխյոլայի տերը, որ նստած էր սեղանի մոտ, այսպես պատասխանեց․
 +
 +
«Իմ սրտում քո ձիու համար տեղ կլիներ, ես քո ուզածը չէի մերժի, եթե դու տուն մտնեիր ինչպես կարգն է։ Դու պետք է դեռ շեմին չհասած գլուխդ խոնարհեիր և սպասեիր, մինչև քեզ ներս կկանչեինք»։
 +
 +
Զայրացավ Լեմմինկայնենը և այսպես խոսեց․
 +
 +
«Ես չեմ հիշում, թե իմ հայրն այստեղ գալիս գլուխը խոնարհեր և դռանն սպասեր, մինչև նրան ներս կանչեին․ նա անմիջապես ամենապատվավոր տեղն էր նստում․ նրա մարդկանց իսկույն հատուկ խրճիթ էին հատկացնում, նրա ձիուն ախոռն էին կապում և առատ գարի տալիս։ Պատին տեղ կար, որ նա իր զենքը հաներ֊կախեր․ մի մեխ էլ կար, որից նա ձեռնոցներն էր կախում, ապա ուտում֊խմում, հանգստանում էր։ Այդ ինչպե՞ս է, որ հիմա ինձ համար տեղ չկա․ ի՞նչ է, ես ինչո՞վ եմ պակաս իմ հորից»։
 +
 +
Այս խոսքերով կտրիճ տղան նստեց նոճենու փայտից սարքած աթոռի եզրին․ աթոռը ճռնչաց և ճաքճքեց։
 +
 +
Լեմմինկայնենը կրկին խոսեց․
 +
 +
«Երևում է ձեր սրտովը չէ, որ եկել եմ․․․ թե չէ, ինչո՞ւ ինձ գարեջուր չեք հրամցնում, ինչպե՞ս է, որ ինձ նման հյուրին ուտելիք չեք բերում»։
 +
 +
Միջամտեց տանտիրուհին և ասաց․
 +
 +
«Ով դու ջահել Լեմմինկայնեն, երևում է, որ մտքումդ ուրիշ բան կա, ուզում ես փորձանք բերել մեր գլխին։ Իսկ գարեջուրը դեռ պատրաստ չէ, մսացուն էլ չենք մորթել․ դու կամ պետք է երեկ գայիր, կամ էլ թե չէ գոնե վաղը տեղ հասնեիր»։
 +
 +
Լեմմինկայնեն այս խոսքի վրա այնպես բարկացավ, որ մազերը ցցվեցին․ նա ասաց․
 +
 +
«Ուրեմն եղած֊չեղածը կերե՞լ եք, խնջույքն առանց ինձ եք արել, ամբողջ գարեջուրը խմե՛լ եք, մեղրից ոչ մի կաթիլ չե՛ք թողել․․․ աման֊չաման հավաքել եք․ ո՛նց, ո՛նց ես դու, Պոխյոլայի ատամնաթափ տիրուհի, խնջույքի կանչել ամեն տեսակ մարդու, նույնիսկ ամենահետնյալին, իսկ ինչպե՞ս է, որ մենակ ինձ չես հրավիրել․ գիտեմ, որ ճոխ հարսանիք եք արել, շատ գարեջուր և ուտելիք եք պատրաստել։ Չէ՛, չէ՛, Լեմմինկայնենը շատ կնեղանա, եթե նրան գարեջրով չհյուրասիրեք, եթե մի լավ աման կերակուր՝ մեջը քսան ֆունտ խոզի միս չբերեք, որ նա իր երկար ու դժվարին ճամփից հետո ուտի֊խմի»։
 +
 +
Տիրուհին կարգադրեց իր աղախնուն․
 +
 +
«Է՛յ, դու փոքրիկ աղջիկ, բե՛ր մի աման կերակուր, մեր հյուրին գարեջուր հրամցրու»։
 +
 +
Աղջիկը, որ խնջույքի ամաններն էր լվանում ու մնացուկները հավաքում, մի աման կերակուր բերեց, բայց ի՜նչ կերակուր, ― ձկների կրծմրծած գլուխ ու ոսկորներ, շաղգամի թոռոմած փրեր, չոր հացի կտորտանք։ Մի կուժ էլ գարեջուր բերեց, բայց ի՜նչ գարեջուր, ― ջրախառն մի անպետք հեղուկ։ Եվ դրանցով ուզում էին, որ կշտանա ու ծարավն հագեցնի դյուցազնը։ Աղջիկն ասաց․
 +
 +
«Եթե դու իսկական դյուղազն ես, պետք է այդ կժի գարեջուրը մինչև տակը միանգամից խմես֊դատարկես»։
 +
 +
Այստեղ Լեմմինկայնենը նայեց ու ի՜նչ տեսնի․ կժի հատակում վխտում են իժեր֊օձեր, որդեր են կպած կժի կողերին, մողեսներ են երևում գարեջրի մեջ։
 +
 +
Լեմինկայնենը գազազած ասաց․
 +
 +
«Այսպիսի ամանով, այսպիսի կեղտոտ գարեջուր հրամցնողները արժանի են, քանի դեռ արևը մայր չի մտել, քանի դեռ լուսինը դուրս չի եկել֊Տունոելիի սև ջրերի խորքում իրենց պատիժն առնեն»։
 +
 +
Լռեց, ապա քիչ հետո ասաց․
 +
 +
«Այս գարեջրի մեջ հավաքել֊լցրել են ամեն տեսակ աղտեղություն․․․ բայց և այնպես այս գարեջուրը ես կխմեմ, միայն թե մատներովս կբռնեմ, դուրս կքաշեմ ամբողջ աղտեղությունը»։
 +
 +
Նա գրպանից հանեց կարթեր ու գցեց կժի մեջ․ իժերն ու օձերն ընկան կարթերին։ Նա քաշեց, դուրս շպրտեց զեռուններին և գլուխները կտրեց։ Հետո կարթին ընկան հարյուրավոր գորտեր, որդեր ու մողեսներ․ դրանք էլ դուրս նետեց, հետո նոր միայն կժի ամբողջ գարեջուրը գլուխը քաշեց։ Երբ խմեց պրծավ, այսպես խոսեց․
 +
 +
«Երևում է, որ ես անցանկանալի հյուր եմ․ դրա համար էլ ինձ մեծ ամանով, իսկական֊մաքուր գարեջուր չտվիք, ոչխար ու ցուլ չմորթեցիք իմ գալու առթիվ»։
 +
 +
Այստեղ կնոջ փոխարեն խոսեց Պոխյոլայի տերը․
 +
 +
«Դու ինչո՞ւ եկար այստեղ, քեզ ո՞վ հրավիրեց Պոխյոլա, հապա՛, պատասխանի՛ր»։
 +
 +
Կտրիճ Լեմմինկայնենը պատասխանեց․
 +
 +
«Երբ մարդու հրավիրում են, իհարկե լավ է, բայց երբ մարդն ինքն իր ոտքով է հյուր գալիս, նա ավելի թանկ է։ Լսի՛ր, ով տերդ Պոխյոլայի, ա՛ռ, փող տամ քեզ և դու ինձ կանխիկ վճարով գարեջուր վաճառիր»։
 +
 +
Զայրացավ, կարմրատակեց Պոխյոլայի տերը, իսկույն սկսեց կախարդություն անել և Լեմմինկայնենի ոտքերի մոտ հանկարծ մի լճակ գոյացավ․ տերն ասաց․
 +
 +
«Ահա՛ քեզ ջրով մի լճակ, ինչքան ուզում ես լակիր»։
 +
 +
Առանց երկար մտածելու այսպես պատասխանեց Լեմմինկայնենը․
 +
 +
«Ես պառավի մոտ պահ տված հորթ չեմ, ո՛չ էլ պոչավոր ցուլ, որ լճակի ջուրը լակեմ»։
 +
 +
Եվ ինքը, Լեմմինկայնենը, նույնպես կախարդություն արավ ու ահա գետնի վրա կանգնեց ոսկե եղջյուրով մի ցուլ։ Ցուլն անմիջապես խմեց լճակի ամբողջ ջուրը։
 +
 +
Պոխյոլայի տերը գայլ ստեղծեց, որ նա հոշոտի ցուլին։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենը մի նապաստակ ստեղծեծ, որ նա թռվռա գայլի երախի դիմաց։
 +
 +
Պախյոլայի տերը մի գազազած շուն ստեղծեց, որ նա խժռի շլդիկ նապաստակին։
 +
 +
Բայց ուրախ Լեմմինկայնենը մի սկյուռ ստեղծեց․ սկույռն սկսեց թռչկոտել ծպեղի վրա ու շունն սկսեց հաչել։
 +
 +
Պոխյոլայի տերը ստեղծեց մի կզաքիս․ նա թռավ ծպեղի վրա ու բռնեց սկյուռին։
 +
 +
Բայց ուրախ Լեմմինկայնենը ստեղծեց մի գորշագույն աղվես, որ նա բռնի կզաքիսին և ուտի։
 +
 +
Պոխյոլայի տերն անմիջապես մի հավ ստեղծեց, որ աղվեսի երախի առաջ թռչկոտի։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենը տեղն ու տեղը, կախարդանքով, սուր ճանկերով մի բազե ստեղծեց, որ հավին սպանի։
 +
 +
Պոխյոլայի տերը զայրացած դիմեց Լեմմինկայնենին․
 +
 +
«Կորի՛ր, գնա իմ տանից, ես քեզ համար խնջույք սարքող չեմ։ Հեռո՛ւ քաշվիր տղամարդկանց շրջապատից, անպիտան մարդ, շո՛ւտ, վերադարձիր քո եկած ճամփով»։
 +
 +
Լեմմինկայնենը, այն կտրիճ Կաուկոմեյլին, պատասխանեց․
 +
 +
«Ոչ ոք, նույնիսկ ինձնից նվազ ուժի տեր տղամարդը, չի թույլ տա, որ իրեն տնից դուրս վռնդեն»։
 +
 +
Այստեղ Պոխյոլայի տերը քաշեց իր թուրն ու ասաց․
 +
 +
«Ով դու, կտրիճ Կաուկոմեյլի, արի մեր թրերով չափվենք, տեսնենք ո՞վ է մեզանից զորեղ, ո՞ւմ թուրն է ավելի կտրուկ»։
 +
 +
Այսպես պատասխանեց Լեմմինկայնենը․
 +
 +
«Իմ թուրը շատ կռիվներ է տեսել ու սայրերը քիչ քառթքառթ են եղել, բայց եթե դու այսպես ես ընդունում հյուրին, թող քո ասածը լինի․ չափվենք մեր թրերով․ իմ հայրը ժամանակին այս թրով շատերին է հաղթել։ Ես հորս զավակն եմ ու իմ տոհմին ամոթով չեմ անի»։
 +
 +
Եվ երկուսն էլ հանեցին թրերն ու չափեցին․ Պոխյոլայի տիրոջ թուրը եղունգի ծայրի չափ երկար էր։ Կտրիճ Լեմմինկայնենը ասաց․
 +
 +
«Քո թուրը իմնից երկար է․ առաջին զարկը քոնն է»։
 +
 +
Պոխյոլայի տերը հենց այդտեղ, խրճիթում, քաշեց թուրն ու զարկեց կտրիճ տղային, բայց ոչ մի վնաս չտվեց նրան, քանի որ թրի երկար ծայրը դիպավ գերաններին ու թափը կոտրվեց։
 +
 +
Լեմմինկայնեն ասաց․
 +
 +
«Գնանք դրսում կռվենք, որ մեր զարկերը դիպուկ լինեն, թե չէ գերաններն ի՛նչ մեղավոր են, որ թուրդ նրանց հարվածում է»։
 +
 +
Ելան բակը, գտան մի կովի կաշի, փռեցին գետնին, որ նրա վրա կռվեն։
 +
 +
Կզաբնակ կտրիճ Լեմինկայնենն ասաց․
 +
 +
«Լսի՛ր, որ Պոխյոլայի տեր, քո թուրն ավելի երկար ու ավելի զորեղ է, ուրեմն օգտվիր այդ բանից․ քանի դեռ գլուխդ ուսերի վրա է, համարձակ եղիր, խփի՛ր»։
 +
 +
Եվ Պոխյոլայի տերը զարկեց մեկ անգամ, երկրորդ, ապա երրորդ անգամ, բայց նրա թուրը կպչում էր կտրիճ տղայի թրին, կամ ճարմանդավոր հագուստին․ ինչքան էլ պոխյոլացին փորձեց, չկարողացավ տղայի մարմինը քերծել։
 +
 +
Կտրիչ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին, ասաց․
 +
 +
«Այժմ հերթն իմն է, հիմա ես կփորձեմ»։
 +
 +
Պոխյոլայի տերն էլ ոչինչ չի ուզում լսել, ինչքան ուժ կա՝ մեջը խփում, հա խփում է, բայց էլի կտրիճին չի կարողանում վնասել։
 +
 +
Վերջապես Լեմմինկայնենը քաշեց կայծակնացայտ թուրը և թրի փայլը լուսավորեց չորս կողմը։
 +
 +
Պոխյոլայի տերը մի պահ շշմած նայում էր փայլփլուն թրին։
 +
 +
Լեմմինկայնենը գոչեց․
 +
 +
«Իմ թուրը շողք է արձակում, ինչպես արևն է շողք արձակում լուսադեմին․ բայց դաժան մա՛րդ, իմացիր, վերջին անգամն է, որ քո աչքերը տեսնում են արևի լույսը»։
 +
 +
Ասաց և մեկ դիպուկ հարվածով Պոխյոլայի տիրոջ գլուխն այնպես անջատեց մարմնից, ինչպես շաղգամն են արմատից պոկում, ինչպես հասկն են ցողունի վրայից կտրում։
 +
 +
Տղան չորս կողմը նայեց, տեսավ, որ բակը լիքն է հարյուրավոր ցցերով և ամեն ցցի վրա մի գլուխ է անցկացված։ Զայրացավ Լեմմինկայնենը․ մեկ էլ նայեց ու տեսավ, որ միայն մի ազատ ցից կա։ «Այս ցիցն ինձ համար էիր պահել, հա՛ դե, կե՛ր» ― ասաց տղան, վերցրեց Պոխյոլայի տիրոջ գլուխը և խրեց այդ ցցի վրա։
 +
 +
Այն կտրիճ տղան նորից խրճիթ մտավ ու ասաց․
 +
 +
«Ո՛վ աղջիկ, ջուր բեր, որ ձեռքերս լվանամ֊մաքրեմ այդ անպիտան մարդու արյունից»։
 +
 +
Երբ այս բանն իմացավ Պոխյոլայի ջադու տիրուհին, գազազեց․ կատաղեց, հարյուրավոր զինված մարդիկ ոտքի հանեց, որ Լեմմինկայնենի գլուխը կտրեն։ Տղան հարմար պահին նահանջեց, որ թողնի հեռանա այդ աշխարհից, քանի որ դժվար էր ջահել կտրիճին մենակ այդքան մարդու դեմ կռվել։
 +
 +
 +
==Ռունա ԻԸ==
 +
 +
Լեմմինկայնենը պատսպարվում է հեռավոր կանաչ կղզում
 +
 +
 +
Լեմմինկայնենը, ոնց որ ծուխը, դուրս եկավ Պոխյոլայի տիրոջ բակից։ Բայց ինչքան փնտրեց, ձին չգտավ, որ հեռանա այս աշխարհից։
 +
 +
Ո՞վ Է արդյոք, որ պիտի նրան խորհուրդ տա․ ինչ անի, որ գլուխը չկորցնի, որ փրկվի այս փորձանքից․ չորս կողմից լսում էր սարսափելի աղմուկ․ ամեն լուսամուտից խոլորած աչքերով նրան էին նայում կատաղած մարդիկ, արդեն լսվում էր զենքերի շառաչը։
 +
 +
Պետք էր մի ուրիշ կերպարանք առնել, որպեսզի կարողանար ազատվել այդ գազազած մարդկանց ճանկերից։ Եվ ուրախ Լեմմինկայնենը այսպիսի աղոթքով դիմեց Ուկկո աստծուն։
 +
 +
«Ով դու Ուկկո, իմաստուն հաստիչդ երկնային, ամպերն ու կայծակները քո հրամանով են շարժվում։ Ինձ թևեր տուր, որ երկնքի վրայով թռչեմ և իմ հայրենիքն հասնեմ, գնամ իմ պառավ մայրիկին տեսնեմ»։
 +
 +
Ուկկո աստվածը լսեց նրա խնդիրը։ Կտրիճ տղան արծվի կերպարանք առավ և ամպերի միջով սկսեց թռչել դեպի տուն։ Թռավ, թռավ, մեկ էլ տեսավ իր ետևից ուզում է հասնել գորշ ճուռակը։ Եվ այդ ճուռակի աչքերը փայլատակում էին ճիշտ Պոխյոլայի տիրոջ աչքերի նման, այն տիրոջը, որի գլուխն ինքը կտրեց քիչ առաջ։
 +
 +
Ճուռակն ասաց․
 +
 +
«Է՛յ, ուրախ Կաուկո, հո չե՞ս մոռացել, որ քիչ առաջ մենք իրար հետ թունդ կռվի մեջ էինք»։
 +
 +
Լեմմինկայնենը պատասխանեց․
 +
 +
«Ով դու ճուռակ, հապա ե՛տ դարձիր, թռիր հասիր այնտեղ, որտեղից եկել ես, և երբ հասնես այդ մռայլ Պոխյոլան, բոլորին պատմիր, որ արծվին երբե՛ք չի կարելի հաղթել օդի բարձրունքներում»։
 +
 +
Արծվակերպ Լեմմինկայնենը շարունակեց թռիչքը և հասավ իրենց տունը։
 +
 +
Մայրը նրան ընդառաջ եկավ և տեսնելով, որ տղան շատ տխուր էր, ասաց․
 +
 +
«Դու իմ կրտսեր տղան ես, բայց բոլորից ուժեղն ես․ ինչո՞ւ այդպես տխուր ես վերադարձել Պոխյոլայից։ Չլինի՞ թե Պոխյոլայի խնջույքում քեզ բանի տեղ չեն դրել և գարեջուր էլ չեն տվել․ դե, որ այդպես է, վերցրու ահա՛ այս թասը․ դա հայրդ կռվի դաշտից էր բերել և դրանով էր գարեջուր խմում, լցրու և խմիր, ինչքան քեֆդ կուզի»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Եթե ինձ անտես անեին և գարեջուր չտային, ես տանտիրոջ հետ հաշվի կնստեի և հարյուր կտրիճի պատասխանը կտայի»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
«Ինչո՞ւ համար ես այդպես տխրել․ չլինի՞ թե ձին վատն էր ու նեղ տեղում չկարողացավ քեզ օգնել․ որ այդպես է հորիցդ մնացած փողերով մի նոր, ավելի լավ ձի գնիր»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Իմ սիրելի մայրիկ, եթե ձիս վատ լիներ և ինձ չօգներ, խայտառակեր, ես մյուս ձիավորների բոլոր ձիերն էլ կփչացնեի, որ ոչ մեկը չպարծենար, թե իմ ձիուց լավն է իր ձին»։
 +
 +
Մայրը կրկին հարցրեց․
 +
 +
«Ինչո՞ւ այդքան տխուր  ես և ինչո՞ւ այդպես հանկարծ վերադարձար Պոխյոլայից։ Չլինի՞ թե այնտեղի կանայք և աղջիկները քեզ ծաղր ու ծանակել են․ եթե այդպես է, ապա անամոթներին պետք է մի լավ դաս տալ»։
 +
 +
Լեմմինկայնենը պատասխանեց․
 +
 +
«Իմ անգին մայր, եթե կանայք ու աղջիկներն ինձ ծաղր ու ծանակեին, ես ինքս կարող էի բոլորին՝ հարյուրը, թե հազարը լինեին, ավելի թունդ ծաղրել ու ծանակել նրանց»։
 +
 +
Մայրն էլի անհանգիստ էր, հարցրեց․
 +
 +
«Հապա ի՞նչ է պատահել, գուցե Պոխյոլա գնալիս ճամփին փորձանք է եկել գլուխդ, գուցե չափից ավելի ես կերել֊խմել․ կամ էլ թե չէ գեշ երազնե՞ր ես տեսել»։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենն այսպես պատասխանեց․
 +
 +
«Թող միամիտ կանայք վախենան գեշ երազներից, գիշերով, թե ցերեկով, ինչ տեսակ երազ էլ տեսնեմ, դրանից չեմ վախենա։ Իմ անգին մայրիկ, դու պարկի մեջ ալյուր և աղ դիր, քո որդին քեզ պետք է հրաժեշտ տա և թողնի հարազատ տունն ու գնա պատսպարվի մի հեռու վայրում․ հարյուրավոր մարդիկ թրերն ու նիզակներն են սրել, որ ինձ սպանեն։
 +
 +
Մայր տագնապած հարցրեց․
 +
 +
«Ինչո՞ւ ես այդպես շուտ ուզում հեռանալ քո հայրական տանից․ և ինչո՞ւ են ուզում քեզ սպանել»։
 +
 +
Կտրիճ Կաուկոմեյլին, նույն ինքը Լեմմինկայնենը, պատասխանեց․
 +
 +
«Ես վեճի բռնվեցի Պոխյոլայի տիրոջ հետ և ազնիվ կերպով մենամարտեցի։ Դե, գիտես քո որդու ուժը․ մենամարտում սպանեցի այդ դաժան պոխյոլցուն․ ա՛յ, դրա համար էլ նրա ատամնաթափ կինը հավաքել է հարյուր և հարյուր նիզակավոր, հարյուր և հարյուր թրերով֊բրերով զինված մարդիկ։ Նրանք բոլորը գալիս են ինձ վրա․ ես արդեն շատ փորձություններ տեսել և հոգնել եմ․ մեն֊մենակ չեմ կարող դիմադրել այդքան զինված բազմությանը»։
 +
 +
Ահա՛, թե ինչ ասաց նա որդուն․
 +
 +
«Չէ՞ որ ես քեզ ասացի, նախազգուշացրի, որ չգնաս այդ կախարդների երկիրը․ այստե՛ղ, քո պառավ մոր մոտ, քո հարազատ հարկի տակ դու հանգիստ կապրեիր և կռվից ու փորձանքից հեռու կլինեիր։ Բայց որտե՞ղ պիտի գնաս, իմ ազիզ որդի, որ ազատվես չարագործների ձեռքից, որ նրանք քեզ չգտնեն և չսպանեն»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Ես դեռ չգիտեմ, որտեղ պատսպարվեմ, որ ազատվեմ այդ գազազած մարդկանց սարսափելի վրեժից։ Թանկագին մայր, ի՞նչ բարի խորհուրդ կտաս, ո՞ւր գնամ, որտե՞ղ պատսպարվեմ»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
«Ախր որտե՞ղ ուղարկեմ, որտե՞ղ թաքցնեմ քեզ, սիրելի որդի, թ կեչու ծառ դառնաս, միևնույն է փայտահատը կգա, ծառը կկտրի և կջարդի ու կտանի, կվառի։
 +
 +
Թե անտառի խորքում լաստենի կամ փշատերև դառնաս, այնտեղ էլ մարդիկ կգան, ամեն տեսակ ծառ ու թուփ արմատից կկտրեն, գետինը կվարեն, որ ցանք անեն։
 +
 +
Թե անտառի պտուղ՝ մորի կամ հապալաս դառնաս, ինչքան էլ թփերի արանքում թաքնվես միևնույն է, աղջիկներն ու չարաճճի տղաները կգան, կգտնեն քեզ և ինչպես քաղցրահամ պտուղ՝ կուտեն։
 +
 +
Թե գայլաձուկ կամ սիգ դառնաս և լող տաս ծովի կապույտ ջրերում, այնտեղ էլ փորձանքի կհանդիպես, կտրիճ ձկնորսն ուռկանը կնետի, քեզ կբռնի և կրակի վրա կխորովի և կուտի։
 +
 +
Թե գորշ գայլ կամ թավամազ արջ դառնաս և թաքնվես անտառի թավուտներում, այնտեղ էլ փորձանք կգա գլխիդ։ Կտրիճ որսորդը քեզ կհետապնդի և սուր նիզակով կսպանի»։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենը այսպես պատասխանեց մորը․
 +
 +
«Սիրելի մայրիկ, թե որտեղ է վտանգավոր և որտեղ իմ թշնամիները վրա կհասնեն և ինձ կսպանեն, այդ ես լավ գիտեմ։ Մայր իմ անգին, դո՛ւ ես ինձ կյանք պարգևել, կաթովդ սնել ու մեծացրել, ասա՛, ո՞ւր գնամ, որտե՞ղ թաքնվեմ, քանի շուտ է ասա՛,  թե չէ վաղը ուշ կլինի, թշնամիները վրա կհասնեն և ապա գլուխս ուսերիս վրա չի լինի»։
 +
 +
Մայրն այսպիսի խորհուրդ տվեց․
 +
 +
«Գիտեմ մի այդպիսի աշխարհ, որտեղ թաքնվում և պատսպարվում են այն մարդիկ, որոնց հետապնդում են․ դա մի փոքրիկ, չար մարդկանց աչքից հեռու կղզի է․ այնտեղ մարդիկ հաշտ են ապրում․ ոչ վեճ ունեն, ոչ էլ իրար խարդավանում են․ երբեք սուր չի շաչել այնտեղ։ Բայց հիմա անկեղծորեն, մաքուր սրտով երդվիր, որ վեց տարի հետո էլ, տաս տարի հետո էլ, դու այլևս սուր չես առնի ձեռքդ․ կռիվ չես գնա, ինչքան էլ ուզենաս ոսկու և արծաթի տիրանալ»։
 +
 +
Լեմմինկայնենը պատասխանեց․
 +
 +
«Երդվում եմ անկեղծ ու մաքուր սրտով, ոչ եկող ամռանը, ոչ էլ վեց կամ տաս տարի անց սուր չեմ առնի ձեռքս, եթե ինձ չհարկադրեն․ անցած կռիվներից դեռ վերքեր կան մեջքիս ու կրծքիս վրա, ուզում եմ գնալ, խաղաղ ապրել»։
 +
 +
Մայրն այսպես խոսեց․
 +
 +
«Դե, հիմա, սիրելի զավակս, գնա նստիր հորդ նավակը և նավարկիր դեպի բաց ծովը։ Իննը ծով կանցնես և երբ կհասնես տասերորդին, ծովի մեջտեղում մի կանաչ կղզի կտեսնես։ Ժամանակին այդտեղ պատսպարվել է քո հայրը։ Երբ ուրիշները կռվի մեջ էին, հայրդ այնտեղ հանգիստ ապրում էր․ դու էլ այնտեղ կապրես մեկ տարի, երկու տարի և երրորդ տարին կվերադառնաս հորական օջախը, մորդ գիրկը»։
 +
 +
 +
==Ռունա ԻՖ==
 +
 +
Կանաչ կղզում ուրախ կյանքով է ապրում Լեմմինկայնենը․ երբ վերադառնում է հայրենիք, տեսնում է, որ Պոխյոլացիք իր հորկան օջախն այրել֊ ամայացրել են․ անտառում է գտնում է թշնամիներից ճողոպրած մորը
 +
 +
 +
Ահա ուրախ Լեմմինկայնենը պարկի մեջ դրեց խոզի միս, ալյուր և աղ․ մի աման յուղ վերցրեց, մի աման մեղր, այնպես որ երկու֊երեք տարի ոչ մի բանի նեղություն չքաշի։
 +
 +
Ապա գրկեց մորն ու ասաց․
 +
 +
«Իմ սիրելի մայրիկ, երեք տարով հեռանում եմ քեզանից․ գիտեմ, եթե այստեղից բացակայեմ, մեր վարելահողում օձեր կվխտան, անտառում եղջերուներն ազատ կվազվզեն, գետում սագերը կլողան և նրանց որսացող չի լինի։ Եթե Պոխյոլայից չար մարդիկ գան ինձ որոնելու, ասա՛, որ գնացել եմ հեռու, անհայտ աշխարհ և ոչ մի լուր չունես ինձնից»։
 +
 +
Նա բարձրացրեց առագաստը և նավակն առաջ սուրաց ծովի կապույտ ջրերի վրայով։ Ինքը նստեց ղեկի մոտ, որ նավակին ուղղություն տա, և այսպիսի խոսքեր ասաց․
 +
 +
«Իմ նավակ, սուրա ալիքների վրայով, ո՜վ դու բարենպաստ քամի, առաջ մղիր իմ նավակը, թող այն թռչի ինչպես թռչունը և շուտով հասնի այն հեռավոր,  անանուն կղզին»։
 +
 +
Քամիներն առաջ մղեցին նավակը և նավը սուրաց ծովի վրայով մեկ ամիս, երկու ամիս և երրորդ ամսին արդեն հասավ կղզին։ Հրվանդանի մոտ կանգնած էին երեք աղջիկներ և հայացքները ծովին էին հառել։ Մեկն սպասում էր եղբորը, մյուսը հորը․ երրորդ աղջիկն ամենից անհամբերն էր․ նա սպասում էր իր փեսացուին։
 +
 +
Աղջիկները տեսան նավակով մոտեցող Լեմմինկայնենին, մտածմունքի մեջ ընկան և ասացին․
 +
 +
«Այս ի՞նչ նավակ է օրորվում մեր ծովի վրա։ Ա՛յ նավակ, եթե քո տերը մեր կղզու բնակիչն է, ապա շուտ դարձիր դեպի ափը, մտիր նավահանգիստը։ Մենք ուզում ենք իմանալ, թե ինչ նորություններ կան ծովի այն կողմում․ մենք ուզում ենք խաղաղ ապրել, հո չե՞ն ուզում կռիվ սկսել»։
 +
 +
Բարենպաստ քամին բարձրացավ․ Լեմմինկայնենը նավակը հասցրեց ծովափին և հարցմունք արավ աղջիկներին․
 +
 +
«Կղզու վրա հարմար տեղ կա՞, որ նավակս ափ հանեմ»։
 +
 +
Կղզու աղջիկները պատասխանեցին․
 +
 +
«Մեր կղզու ափին շատ հարմար տեղ կա, որ նավակդ ծովից դուրս քաշես․ մի նավակ ափ հանելն ի՛նչ բան է․ եթե հարյուր նավակ էլ լիներ, նույնիսկ հազարը, մեր ցամաքի վրա տեղ կճարվեր»։
 +
 +
Լեմմինկայնեն այդ խոսքերի վրա թռավ ափը, նավակը քաշեց ցամաքի վրա և դիմեց աղջիկներին․
 +
 +
«Ձեր կղզու վրա մի այնպիսի հարմար տեղ կճարվի՞, որտեղ կարողանա թաքնվել միայնակ տղամարդը, որը չի կարող անհավասար կռվի մեջ մտնել զենք շաչեցնող հարյուրավոր ռազմիկների հետ»։
 +
 +
Կղզու աղջիկները պատասխանեցին․
 +
 +
«Մեր կղզու վրա շատ հարմար տեղեր կան, ուր կարող է պատսպարվել ոչ թե մեկ, այլ մեր գյուղերում և ամրոցներում կարող են պատսպարվել հարյուր, այո՛, նույնիսկ հազար հերոս»։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենը նորից հարցմունք արավ․
 +
 +
«Ձեր կղզու վրա կա՞ մի անտառապատ վայր, ուր ես գնամ՝ կեչիները և մյուս տեսակի ծառերը կտրեմ, բացատի հողը մշակեմ, վար ու ցանք անեմ»։
 +
 +
Այս հարցին աղջիկները պատասխանեցին, թե իրենց կղզու անտառներում վաղուց են բացատներ ստեղծել և վար ու ցանք արել․ այնպես որ տեղի բնակիչները վիճակ գցելով կղզու բոլոր արտերն ու մարգագետինները բաժանել են իրար մեջ և ամեն կտոր հողն ունի իր տերը։
 +
 +
Կտրիճ Լեմմինկայնենը նոր հարց տվեց․
 +
 +
«Իսկ ասեք, խնդրեմ, ձեր կղզու վրա, ձեր դաշտերում կա՞ մի այնպիսի տեղ, ուր ես կարողանամ երգել․․․ թե իմանաք, ինչպե՜ս եմ ուզում երգել»։
 +
 +
Կղզու աղջիկները պատասխանեցին․
 +
 +
«Մեր կղզում շատ տեղեր կան, թե դաշտերում, թե պուրակներում, ուր կարող ես և՛ երգել, և՛ պարել, ինչքան քեֆդ ուզի»։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենը սկսեց երգել։ Այնքան թովիչ էին նրա երգերը, որ ծառերի տերևները ավելի փարթամացան, թփուտներում պտուղներն ավելի առատ ու քաղցրահամ դարձան։ Կկուներն անգամ ավելի դուրեկան գեղգեղացին՝ կարծես թե նրանց կտուցենրից ոսկեգույն մեղր էր ծորում։
 +
 +
Լեմմինկայնեն ավելի ոգևորվեց․ սկսեց կախարդական երգեր երգել․ նրա երգի հմայքից քարերն փայլփլեցին՝ մարգարիտներ դարձան, իսկ պուրակներում՝ վարդերի բուրմունքն աշխարհքն բռնեց։
 +
 +
Նորից երգեց և այս անգամ բակում ոսկյա կափարիչով մի ջրհոր ստեղծեց․ կափարիչի վրա էլ դրեց մի ոսկյա թաս, որ տղաները գան ջուր խմեն զովանան, աղջիկներն էլ այդ պաղ ջրով երեսները լվանան, թարմանան։
 +
 +
Կղզու աղջիկները հիացել էին Լեմմինկայնենի երգերով և նրա կախարդանքներով։
 +
 +
Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին, ասաց աղջիկներին․
 +
 +
«Ես ավելի լավ կերգեի, եթե հավաքվեինք մի տան մեջ․ կնստեի սեղանի մոտ և ինչքան շնորհք ցույց եմ տվել մինչ այս օրս, ավելի կարող էի ցույց տալ, թե չէ երգս գնում կորչում է դաշտերում և անտառի թավուտներում»։
 +
 +
Կղզու աղջիկները պատասխանեցին․
 +
 +
«Քեզ համար ընդարձակ բակով լավ տուն կճարենք, որպեսզի ավելի լավ երգեր երգես»։
 +
 +
Հենց որ տուն մտան, Լեմմինկայնենը կախարդական խոսքեր ասաց և սեղանը լցվեց ամեն տեսակ կերակուրներով․ էլ խոզի միս, էլ մեղր, էլ կարագ՝ ինչքա՜ն ուզես։ Սեղանին երևացին նաև թասեր՝ լիքը գարեջրով։
 +
 +
Լեմմինկայնեն այստեղ արդեն հասկացրեց, որ ինքը սովոր է միսը կտրատել ոսկե դանակով, որի դաստակն էլ պետք է արծաթից լինի։
 +
 +
Կերավ խմեց և էլի այնքան երգեր երգեց, որ գանգրահեր աղջիկները խելքամաղ եղան․ որ կողմը շուռ է տալիս գլուխը, մի սիրունիկը պատրաստ է համբուրվել նրա հետ, մեկը մյուսի առաջն է կտրում, որ նրա հետ մտերմանա։
 +
 +
Շատ գյուղեր կային կղզում և ամեն մի գյուղում տասը տուն ու բակ։ Ամեն տանն էլ կային սիրունիկ աղջիկներ, ինչպես նաև ջահել այրիներ։ Հազար  աղջիկների և հարյուրից ավելի այրիների նա հրապուրեց։
 +
 +
Լեմմինկայնեն այսպես անհոգ և ուրախ էր անցկացնում իր օրերը կղզում․ աղջիկները նրա արևով էին երդվում, այրիները նրանով էին մխիթարվում։
 +
 +
Գյուղերից մեկում ապրում էր մի լռռցած աղջիկ։ Լեմմինկայնենը միայն նրա վրա ուշադրություն չդարձրեց, միայն նրան չմխիթարեց։
 +
 +
Հասավ ժամանակը, որպեսզի Լեմմինկայնենը տուն վերադառնա։ Եվ ահա նրա մոտ եկավ լռռցած աղջիկն ու ասաց․ «Կաուկո, սիրունիկ երիտասարդ, եթե ինձ մոռանաս, ապա կցանկանամ, որ քո նավակը ծովում ժայռի դիպչի ու խորտակվի»։
 +
 +
Բայց Կաուկոն մութ գիշերին տանից դուրս չգնաց, որ այդ աղջկան մխիթարի։
 +
 +
Վերջում միտքը փոխեց և որոշեց մի գիշեր, նախքան աքլորը կկանչի, վեր կենալ, գնալ լռռցած աղջկա տունը՝ նրան մխիթարել։
 +
 +
Մութ գիշերին, Լեմմինկայնենը մեն֊մենակ, տնե֊տուն անցավ և ի՜նչ տեսնի, բոլոր տներում հավաքվել են տղամարդիկ, սրերն են սրում, կացիններն են հեսանում, որ իր դատաստանը տեսնեն։
 +
 +
Այստեղ Լեմմինկայնենը շատ մտահոգվեց և ինքն իրեն խոսեց․
 +
 +
«Արև, դու կծագես, քո փայլը կարձակես, երկիրը կլուսավորես և նորից մայր կմտնես, իսկ ես ի՞նչ անեմ, ինչպե՞ս պաշտպանվեմ այդքան մարդկանցից։ Հազար կտրիճ է զինվել, որ իմ օրը խավարեցնի»։
 +
 +
Էլ ժամանակ չկար լռռած աղջկա տունը գնալու, նրան մխիթարելու։ Շտապ շուռ եկավ, գյուղի փողոցներով փախավ գնաց ծովափ, այնտեղ, ուր նավակն էր թողել․ բայց ի՞նչ տեսնի․ գյուղի տղամարդիկ նավակն այրել, մոխիր էին դարձրել։
 +
 +
Բայց վտանգը շատ մեծ է․ պետք է րոպե առաջ ազատվել․ մտադրվեց նոր նավակ սարքել, բայց որտեղի՞ց տախտակ ճարի։ Լավ էր, մի կողմում տեսավ մի քանի մանր֊մունր տախտակներ, մի քանի հատ էլ կոտրած թեշիկներ։
 +
 +
Տղան ինչ շնորհք ուներ՝ գործադրեց․ մեկ հարվածով նավակի հատակը սարքեց, մյուսով նավակի կողերն ու ղեկը տեղը բերեց, երրորդ հարվածով նոր նավակն արդեն լրիվ պատրաստ էր։
 +
 +
Լեմմինկայնենը նավակը հրեց դեպի ծովը և այսպես խոսեց․
 +
 +
«Նավակ իմ, ինչպես պղպջակը, լողա՛ ալիքների վրայով․ իսկ դու վերասլաց արծիվ, երեք հատ փետուր տուր, որ նավակիս համար ծածկ լինի»։
 +
 +
Երբ նստեց նավակը և ուզում էր թիավարել, մի քանի աղջիկներ վրա հասան և չէին ուզում թողնել, որ նա հեռանա իրենց կղզուց․ նրանք ասացին․
 +
 +
«Ինչո՞ւ ես գնում, կտրիճ Լեմմինկայնեն, մի՞թե այստեղի աղջիկները քեզ դուր չեկան»։
 +
 +
Լեմմինկայնենը պատասխանեց․
 +
 +
«Ո՛չ, այստեղի աղջիկները շատ լավն էին և շատ էլ բարյացակամ էին դեպի ինձ, բայց անպայման պիտի վերադառնամ։ Շատ եմ կարոտել իմ հայրենիքին, ուզում եմ գնալ իմ տուն ու տեղին, ուզում եմ մորին պոկել մեր անտառներից, հացն աճեցնել մեր արտերում․ ուզում եմ, որ մեր բակում հավեր բազմանան և այո՛, կարոտել եմ իմ հայրենի աղջիկներին»։
 +
 +
Լեմմինկայնենը շատ սիրալիր հրաժեշտ տվեց աղջիկներին։ Լաց եղան աղջիկները, որ կտրիճ տղան հեռանում է իրենցից․ Լեմմինկայնենն էլ տխրեց, բայց այլևս անհնար էր մնալ, մի կողմից կղզու այրերն էին սպառնում, մյուս կողմից հայրենիքի և մոր կարոտն էր քաշում։
 +
 +
Եվ նավակն առաջ սուրաց․ երեք օր, երեք գիշեր անդադրում թիավարում էր Լեմմինկայնենը․ հանկարծ ուժեղ փոթորիկ բարձրացավ, նավակն ալիքների զորեղ հարվածից ջարդ ու փշուր եղավ․ Լեմմինկայնենը ծովն ընկավ և սկսեց լողալ փոթորկոտ ծովում։ Ցերեկը լողաց, գիշերը լողաց և լուսադեմին մի կղզի տեսավ։ Հոգնած֊դադրած ափ ելավ, մտավ հենց մոտիկ տունը։ Աղջիկները խմոր էին հունցում, իսկ մայրը հաց էր թխում։
 +
 +
Լեմմինկայնենն ասաց․
 +
 +
«Ո՛վ դու բարի տանտիկին, գիշեր֊ցերեկ լող տվի բաց ծովում․ լավ էր փոթորիկն ինձ վնաս չտվեց, ալիքներն էլ պահպանեցին իրենց մեջքին․ բայց թե իմանաս ինչպե՞ս եմ սովածացել, որ էլ ասելու չէ․․․ դե, բարի տանտիկին, ինձ համար մի կտոր տապակած խոզի միս բեր, յուղ բեր։ Մեծ թասով էլ գարեջուր բեր, որպեսզի հերոսն ուտի և ուժերը տեղը գան»։
 +
 +
Բարի տանտիկինը գնաց մառանը և բերեց ինչ որ ուզեց հերոսը։ Լեմմինկայնենը ախորժակով կերավ խոզի միսը, կարագը և մի կուշտ էլ գարեջուր խմեց։
 +
 +
Բարի տանտիկինը հերոսին նոր նավակ տվեց։ Կտրիճ Լեմմինկայնենը իսկույն նստեց նավակը և զորեղ թևերով սկսեց թիավարել, որպեսզի օր առաջ հասնի հայրենի աշխարհը։
 +
 +
Եվ ահա՛ կտրիճ տղան վերջապես հասավ իր հայրենի կղզին։ Բոլորը, բոլորը ծանոթ են․ և՛ նավահանգիստը, և՛ բլուրները, և՛ անտառի ծառերը։ Բայց ինչքան նայեց՝ իր հորական տունը չտեսավ․ իրենց տան տեղն այժմ մոլախոտեր էին բուսել, բակում հազիվ էին ծիլ արձակել մի քանի եղևնիներ, իսկ ջրհորի շուրջն ու բոլորը ծակող փշեր էին ցցվել։
 +
 +
Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին այսպիսի կարոտալի խոսքեր ասաց․
 +
 +
«Ինչքա՜ն եմ խաղացել այս պուրակում, ինչքա՜ն եմ թռչկոտել այս քարերի վրա։ Հապա այս մարգագետնի կանաչ խոտերի մեջ ինչքա՜ն եմ  թավալ տվել։ Ա՜խ, ո՞վ է քանդել իմ հայրական օջախը, ո՞վ է այրել֊մոխիր դարձրել մեր տունն ու տեղը և փոշին քամուն տվել»։
 +
 +
Եվ գիշեր ու ցերեկ ողբում, լաց էր լինում կտրիճ տղան․ ողբում էր ոչ թե քանդված տան համար, այլ հարազատների համար, որոնք մի ժամանակ ապրում ու շենացնում էին այդ տունը։
 +
 +
Տեսավ, որ մի արծիվ է թռչում գլխավերևում, տղան վեր նայեց ու հարցրեց․
 +
 +
«Ով դու թռչուններից զորեղը, չե՞ս կարող արդյոք ասել, թե ի՞նչ պատահեց իմ մորը, որտե՞ղ է նա, իմ հարազատ մայրը, որ ինձ աշխարհ է բերել, սնել ու մեծացրել»։
 +
 +
Բայց անբան թռչունը ոչինչ չի կարող ասել, միայն ա՛յն, որ կտրիճի հարազատներին ոչնչացրել են սրերով ու տապարներով։
 +
 +
Լեմմինկայնենը ողբաձայն ասաց․
 +
 +
«Ա՛խ, իմ անուշիկ մայր, դու որ ինձ կրել ես քո կրծքի տակ, աշխարհ բերել և սնուցել ես, ո՞ւր ես։ Մայրս չի լսում իմ ձայնը․ ուրեմն մեռել է, հա՞։ Ա՜խ, նրա մարմինը հող է դարձել․ նրա գերեզմանի վրա արդեն եղևնիներ են աճում, շուրջ֊բոլորը ուռիներ են բարձրացել, ոտքերի կողմն էլ փշատերևներ։ Եվ այս բոլորը նրա համար, որ ես գնացի այն դաժան աշխարհը՝ Պոխյոլան և սւորս գործի դրի։ Դրա հատուցումն այն էր, որ նրանք իմ տոհմը սրի քաշեցին, իմ խեղճ֊պառավ մորն սպանեցին»։
 +
 +
Եվ այսպես տխուր֊տրտում նա ման էր գալիս քարուքանդ եղած հորական տան շուրջը։ Եվ հանկարծ ի՜նչ նկատի, խոտերի միջով մի արահետ ընկավ աչքին։
 +
 +
Լեմմինկայնենը այդ արահետով գնաց․ ճամփան տանում էր անտառը՝ մինչև նրա թավուտները։ Մի քիչ էլ գնաց, հասավ երկու բլուրի և դրանց արանքում մի խրճիթ՝ չորս բոլորը եղևնիներ։
 +
 +
Տղան սրտատրոփ ներս մտավ և ի՜նչ  տեսնի․ իր մայրը բոլորովին ճերմակած մազերով նստած է այդտեղ։ Լեմմինկայնենը շատ ուրախացավ և այսպես խոսեց․
 +
 +
«Իմ անուշ հարազատ մայրիկ, դու որ անքուն գիշերներ ես լուսացրել իմ օրորցի մոտ, հենց գիտեի, թե թշնամիները քեզ սպանել են․․․ ա՜խ, ինչքան եմ լացել, ինչքա՜ն եմ ողբացել»։
 +
 +
Մայրն այսպես խոսեց․
 +
 +
«Ինչպես տեսնում ես փրկվել եմ։ Հենց որ Պոխյոլացիների զենքերի շառաչը լսեցի, եկա թաքնվեցի անտառի թավուտներում։ Նրանք քե՛զ, իմ խեղճ որդի, քե՛զ էին փնտրում։ Քեզ որ չգտան, գազազեցին և մեր տունն ավերեցին, քար ու քանդ արին»։
 +
 +
Լեմմինկայնենը մորը հանգստացրեց․
 +
 +
«Իմ սիրելի մայրիկ, մոռացիր եղածը, ես որ եկել եմ, թող վիշտն այլևս քեզ չտանջի։ Շուտով ես քեզ համար ավելի լավ տուն կսարքեմ, դու հանգիստ կապրես, իսկ ես կերթամ Պոխյոլա, այդ նենգ մարդկանց դատաստանը կտեսնեմ»։
 +
 +
Մայրը տագնապեց և այսպես խոսեց․
 +
 +
«Իմ ազիզ որդի, էլ ո՛ւր ես գնում․ ախր քանի տարի է, դու բացակայել ես տանից, օտար աշխարհներում ես թափառել, այն հեռավոր, անանուն կղզում ուրիշի տան դուռն ես բախել»։
 +
 +
«Ճիշտ է, օտարության մեջ էի, բայց շատ հաճելի օրեր եմ անցկացրել այդ հեռավոր անանուն կղզում։ Այնտեղ ծառերը միշտ դալար են, դաշտերը միշտ կանաչ, վարդերը կարծես ոսկուց լինեն։ Նրանց ծառերից մեղր է ծորում, ամեն ինչ առատ է, ինչքան կուզես յուղ ու կաթ, ուզածիդ չափ ձու և մսեղեն կա․ իսկ ընտիր գարեջուրն ադեն հոսում է, ինչպես աղբյուրի ակից զուլալ ջուրը։
 +
 +
Թեև լավ էի ապրում այդ կղզում, բայց չէի կարող մնալ։ Սկսեցին ինձ հետապնդել, իբրև թե այդ կղզու աղջիկներին ես հանգիստ չէի տալիս և գիշերները նրանց այցի էի գնում։ Ես էլ արդեն շատ էի կարոտել քեզ, սիրելի մայրիկ և հայրական օջախիս․ դրա համար էլ ուզում էի օր առաջ տուն հասնել»։
 +
 +
 +
==Ռունա Լ==
 +
 +
Լեմմինկայնենը իր վաղեմի հավատարիմ բարեկամ Տիերի հետ նորից կռիվ է գնում պոխյոլցիների դեմ
 +
 +
 +
Մի առավոտ լույսը դեռ նոր էր բացվել՝ Լեմմինկայնենը գնաց նավահանգիստ։ Աչքին ընկավ ափին մնացած նավակը․ մոտեցավ թե չէ, նավակը ձայն տվեց,
 +
 +
«Ինչա՞ն պիտի այսպես ընկած մնամ ծովափին, մնամ ու չորանամ։ Ահա՛ վեց տարի է անցել, շուտով կլրանա տաս տարին, ինչ Կոուկոմեյլին կռիվ չի գնացել․ ինչ է, էլ կարիք չունի՞ արծաթի կամ ոսկու»։
 +
 +
Այստեղ կտրիճ Լեմմինկայնենը բրդե ձեռնոցը նետեց նավակի մեջ և ասաց․
 +
 +
«Դու նոճուց սարքած նավակ, որ այդքան ամրակուռ կողեր ունես, այդպես թեք ընկած չես մնա, շուտով, դեռ մեկ օր էլ չանցած թիավարները քեզ ծովը կիջեցնեն և կտանեն այնտեղ, ուր թեժ կռիվ է լինելու»։
 +
 +
Եվ Լեմմինկայնենը իսկույն տուն գնաց և մորն ասաց․
 +
 +
«Իմ սիրելի մայրիկ, սիրտս հանգիստ չէ, որ չարը մնում է անպատիժ․ միտք եմ արել գնալ Պոխյոլա, ոչնչացնել այդ անպիտանների տոհմը, որ էլ մարդկանց չդժբախտացնեն․ դե, անուշ մայրիկ, մի տխրիր, որ զավակդ էլի կռվի դաշտ է գնում»։
 +
 +
Մայրը չէր ուզում որդուն թողնել․ տագնապած պառավն այսպես խոսեց․
 +
 +
«Սիրելի որդիս, գլուխդ էլի փորձանքի մեջ մի՛ դնիր, մի՛ գնա Պոխյոլա, այդ դաժան մարդիկ քեզ կսպանեն»։
 +
 +
Բայց այս անգամ էլ Կաուկոն չլսեց մորը։ Երդվել էր ինչ գնով էլ լինի պոխյոլցիներից վրեժը լուծել։ Այսպես խոսեց նա․
 +
 +
«Որտե՞ղ գտնեմ մի լավ քաջ տղամարդ, որ կարողանա թուրը կտրուկ բանեցնե՛լ, որ այս դաժան կռվի մեջ ինձ անդավաճան զինակից լինի։ Իմ լավ ընկերը, անձնվեր բարեկամս է եղել Տիերը․ ա՛յ, հենց նրան էլ կասեմ, որ ինձ ընկերանա․ նա լավ կռվող է և զորեղ զինակից»։
 +
 +
Ասաց, և անմիջապես գնաց գյուղամեջ, մտավ ընկերոջ տունն ու դիմեց վաղեմի բարեկամին․
 +
 +
«Տիեր, դու իմ սիրելի, թանկագին ընկեր, հիշո՞ւմ ես, չէ, թե ինչպես ես և դու մի անգամ թունդ կռվի մեջ էինք․ մի գյուղ մտանք, որտեղ հարյուրից ավելի քաջ տղամարդիկ կային, բոլորի դեմ մենք երկուսով կռվեցինք և նրանցից ոչ մեկը չփրկվեց»։
 +
 +
Տիերի հայրն ու մայրը, որ տան գործերով էին զբաղված, ձայն տվին․
 +
 +
«Ո՛չ, մեր Տիերը հիմա ոչ մի տեղ չի կարող գնալ․ նա նոր է ամուսնացել և իր սիրունիկ կնոջ հետ դեռ մի գիշեր էլ չի լուսացրել»։
 +
 +
Բայց Տիերը, որ պառկած էր վառարանի կողքը, բնավ չլսեց հորն ու մորը․ պառկած տեղը մի կոշիկը հագավ, վեր կացավ մյուս ոտքինը հագավ, դռան մոտ քամարը կապեց, բակից վերցրեց նիզակը, դարպասի մոտ թռավ ձիան մեջքին։ Դաշտն հասավ թե չէ, փորձի համար ինքն ու Լեմմինկայնենը նիզակները նետեցին․ երկուսի թևն էլ զորեղ էր․ նիզակները շատ հեռու թռան և խրվեցին կոշտ հողի մեջ։
 +
 +
Հին զինակիցները վերստին եղբայրացած ծովափ հասան․ նավակը ջուրն իջեցրին, երկուսով թիավարեցին և շուտով հասան Պոխյոլա։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին կախարդանքով այնպես արավ, որ թունդ սառնամանիք լինի։ Եվ չար պառավն այսպիսի պատվեր տվեց․
 +
 +
«Ով դու սառնամանիք, ինչ որ ասեմ այնպես էլ արա։ Ծովի երեսին սառույց կապիր, Լեմմինկայնենի նավակն էլ թող սառույցների մեջ կաշկանդվի։ Այդ կտրիճ Լեմմինկայնենին և իր ընկերոջն էլ այնպես սառեցրու, որ տեղից չկարողանան շարժվել։ Հետո ես ինքս կտեսնեմ․ ազատե՞լ նրանց, թե այնպես անեմ, որ այդ կտրիճ հերոսը սառույցների մեջ իր մահը գտնի»
 +
 +
Սառնամանիքն իր դաժան թևերը տարածեց չորս կողմը․ առաջի օրը ծովախորշում և ծովի ափերին պինդ սառույց կապեց․ ջուրը ծովի խորքում դեռ չէր սառեցրել, բայց մյուս օրը ափերից հետզհետե դեպի խորքը գնաց՝ ամբողջ ծովի մակերեսը սառեցրեց․ սառույցների վրա էլ մի սաժեն ձյուն նստեց, այնպես, որ Լեմմինկայնենի նավակն էլ, ինչպես մի սառույցի կտոր, մնաց կապված֊կաշկանդված։
 +
 +
Սառնամանիքն արդեն մոտենում էր Լեմմինկայնենին և նրա ընկերոջը։ Ահա՛ ոտքերն ու ձեռքերը սկսում են սառչել։ Այստեղ Լեմմինկայնենը բարկացավ և ասաց․
 +
 +
«Ո՛վ դու սառնամանիք, հյուսիսային քամու չար ծնունդ, չհամարձակվես ոտքերիս և ձեռքերիս մատները, ականջներս ու քիթս սառեցնել, գլխիս բոլորովին չմոտենաս։ Արդեն շատ բան սառեցրել ես, բայց մարդու մարմնին չլինի թե ձեռք տաս։ Արածդ շատ դաժան բան է, չորս կողմումս ամեն ինչ սառեցրել ես։ Քեզ ասում եմ, հեռո՛ւ կորիր ինձանից․ տե՛ս, ածուխ կլցնեմ և կբորբոքեմ, այնպես որ ինձանից կսկսես հեռու փախչել։ Իմացի՛ր, շուտով ամառն ինձ օգնության կհասնի․ այն ժամանակ դու քո ամբողջ տոհմովդ կընկնես ջեռ կրակի մեջ և այնտեղ կտանջվես։ Հետո արդեն ինքս կտեսնեմ, ազատե՞լ քեզ ջեռ կրակի միջից, թե թողնեմ որ տառապես»։
 +
 +
Այստեղ հյուսիսային քամու որդին՝ սառնամանիքը տեսավ, որ իրեն էլ վտանգ է սպառնում, ուստի ասաց․
 +
 +
«Արի դաշինք կնքենք․ այսուհետև մեր կյանքում երբե՛ք իրար չվնասենք։ Ես խոսքիս տերն եմ, թե տեսնես ուզում եմ քեզ սառեցնել, կարող ես ինձ Իլմարինենի հնոցը ուղարկել, կամ ամռան ճանկը նետել, որ ես միշտ այնտեղ մնամ և ոչ ոքի չվնասեմ»։
 +
 +
Այս խոսքերի վրա Լեմմինկայնենը նավակից դուրս ելավ, կանգնեց սառույցին և սկսեց համարձակ քայլել դեպի ափը․ նրա ետևից ուրախ֊ուրախ սկսեց քայլել Տիերը։
 +
 +
Այսպես Լեմմինկայնենը ընկերոջ հետ քայլեց մեկ օր, երկու օր, երրորդ օրվա վրա երևաց մի գյուղ, որի անունն էր Քաղց։
 +
 +
Մի տուն մտավ Լեմմինկայնենը և ասաց․
 +
 +
«Այստեղ արդյոք միս կամ ձուկ կճարվի՞, որպեսզի հոգնած, ուժասպառ հերոսները ուտեն, կշտանան և շարունակեն իրենց ճամփան»։
 +
 +
Բայց այդ տանը և այդ գյուղում ո՛չ միս, ո՛չ էլ ձուկ կար։
 +
 +
Լեմմինկայնենը բարկացած ասած
 +
 +
«Թող կրակի ճարակ դառնա այսպիսի գյուղը, թող հեղեղը քշի տանի ձեզ բոլորիդ»։
 +
 +
Երկու հերոսները շարունակեցին իրենց ճամփան․ Լեմմինկայնենը ճամփին հավաքում էր բմբուլներ և ինչ փափուկ բան, որ ճարում էր, դրանցից ձեռնոցներ և գուլպաներ էր սարքում իր և իր ընկերոջ համար։
 +
 +
Բայց արդեն մոլորվել էին անտառում և ճամփա չէին գտնում, որ տուն վերադառնան։
 +
 +
Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին, ասաց ընկերոջը։
 +
 +
«Իմ սիրելի ընկեր Տիեր․ մեր գործը թարսվեց, շաբաթներով, ամիսներով ստիպված ենք այսպես մոլորված թափառել»։
 +
 +
Տիերն այսպես պատասխանեց․
 +
 +
«Վատ տեղ ենք ընկել, մենք եկել էինք, որ դաժան պոխյոլացիներից վրեժ լուծենք, բայց ինքներս ընկել ենք փորձանքի մեջ և էլ ողջ֊առողջ չենք կարողանա մեր տուն ու տեղին հասնել։ Գնում ենք և չգիտենք, թե ուր․ տեսածներս միայն սև ագռավներն են․ սպասում են, որ մենք ուժասպառ ընկնենք մեռնենք և մեր մարմինները հոշոտեն, միսն ուտեն, ոսկորները քարերի մեջ շպրտեն։ Խեղճ մայրս չի իմանա, թե իր ազիզ որդու գլխին ինչ փորձանք է եկել, ո՞ր քարի տակ է արյունը թափվել, ո՞ր հողումն է փթել․ նա պիտի գիշեր֊ցերեկ ողբա և անմխիթար տառապի֊տանջվի»։
 +
 +
Հուսահատված ընկերոջն այսպես պատասխանեց Լեմմինկայնենը․
 +
 +
«Մի տխրիր, ով դու իմ ազնիվ ընկեր Տիեր, ոչ մի կախարդ չի կարող մեզ մեռցնել․ մենք ո՛չ մի դժվարությունից չպիտի վախենանք․․․ Ես էլ իմ մորն եմ հիշում․ ա՜խ, իմ ազիզ մայր, ինչքա՜ն եմ քեզ կարոտել, ինչքա՜ն էիր դու տառապում, որ ինձ պահես֊մեծացնես։ Ես քո ձեռքի տակ անհոգ մեծանում էի, ինչպես վարդն է փթթում թփի վրա։ Բայց հիմա այլ է իմ և ընկերոջս վիճակը։ Դառն քամին է ոռնում մեր գլխավերևում․ դեռ արևի պռունկը չտեսած, ամպերն են ծածկում նրան․ անձրևն է հեղեղի պես թափվում։
 +
 +
Բայց այդ բոլորը սարսափելի չէ․ միայն թե մտահոգված եմ, արդյոք ուրա՞խ են ապրում աղջիկները, կանայք և հարսները․ հո նրանց նեղացնող չկա․ երգո՞ւմ֊պարո՞ւմ են։ Հո լաց չեն լինում այդ չքնաղ արարածները։ Ծանր վիշտը չի՞ մաշում նրանց։ Դե, եղբայր իմ Տիեր, առաջ գնանք, վաղ թե ուշ ճամփան կգտնենք․ ով ուզենա մեզ վատություն անել, մեր գլխին փորձանք բերել, թող փորձանքն իրենց տոհմի, իրենց զավակների գլխին գա։ Երբ հայրս նեղության մեջ էր ընկնում, այսպիսի աղոթք էր անում․
 +
 +
«Ո՛վ դու բարձրյալդ Ուկկո, քո հաստիչ ձեռքով հովանավորիր ինձ, փրկիր ինձ այրերի դավադրությունից, կանանց խարդավանքներից, մորուքավորների և անմորուքների չարախոսությունից և զրպարտությունից․ ինձ պահպանիր և ճամփա ցույց տուր, որ մոր ազիզ որդին գտնի իր ճամփան, իր նպատակին հասնի»։
 +
 +
Եվ կտրիճ Լեմմինկայնենը, անմիջապես հոգսից ու տխրությունից ստեղծեց արագավազ ձիեր․ սանձը մռայլ օրերից վերցրեց, իսկ թամբն իրենց կրած տառապանքներից սարքեց։ Ինքը նստեց ձիու մեջքին և ձին դանդաղ քայլերով առաջ գնաց։ Նրա կողքից քայլում էր Տիերի ձին․ նրանք դժվարությամբ էին բարձրանում բլուրները, ավազների միջից հազիվ էին ճամփա բացում, բայց անտրտունջ առաջ էին գնում․ չէ որ գնում էին իրենց հարազատ մայրիկների մոտ։
 +
 +
Այստեղ ես թողնում եմ Կաուկոմեյլիին․ նրան և ընկերոջը՝ Տիերին ուղիղ ճամփու վրա դրի․ թող բարով գնան հասնեն իրենց շեմը։ Այժմ երգիս հունը կփոխեմ և առաջ կընթանաք նոր հունով։
 +
 +
 +
==Ռունա ԼԱ==
 +
 +
Ունտանոն կռիվ է սկսում իմ եղբոր Կալերվոյի դեմ․ գերի է վերցնում եղբոր հղի կնոջը․ ծնվում է Կուլլերվոն
 +
 +
 +
Մայրն ուներ երեք որդի։ Նրանց պահում էր այնպիսի խնամքով ու քնքշանքով, ինչպես թռչունն է թևերի տակ պահում իր ձագուկներին։ Բայց չար բախտն, ինչպես գիշատիչ անգղը, մորից խլեց երկու զավակներին։ Մեկ որդին ընկավ Ռուսաստան և այնտեղ առևտրական դարձավ․ Մյուս որդին ընկավ Կարելիա․ նրա անունը Կալերվո էր․ երրորդ որդին՝ Ունտամոն մնաց տանը։ Հենց սա էլ փորձանք դարձավ հոր և մոր գլխին։
 +
 +
Կալերվոն իր ցանցը գցեց գետնախորշը, որ ձուկ  որսա։ Ունտամոն էլ իր ցանցը գցեց հենց այն գետնախորշում, ուր Կալերվոյի ցանցն էր։ Բայց Կալերվոն չգիտեր, որ ագահ եղբայրն էլ է իր ցանցը գցել։ Երբ եկավ ժամանակը, Կալերվոն ձկներն հանեց ցանցից և լցնելով կողովն ուզում էր տուն գնալ։ Վրա հասավ Ունտամոն, գազազեց և բռունցքներով սկսեց խփել եղբորը։ Կալերվոն շատ նեղացավ եղբոր այդ անիրավ վարմունքից և ինքն էլ իր հերթին հարվածին հարվածով պատասխանեց։
 +
 +
Քիչ անց Կալերվոն վարսակ ցանեց այն արտում, որը կից էր եղբոր տանը։ Ունտամոն իր ոչխարը քշեց արտը և նոր ծլած արտը ոչխարն ամբողջովին ոչնչացրեց։ Կալերվոյի շունն էլ հարձակվեց ոչխարի վրա ու կերավ։
 +
 +
Ունտամոն սպառնաց, որ եղբոր ամբողջ ընտնիքը, մեծից մինչև փոքրը, կոչնչացնի և տունն էլ կհրդեհի։
 +
 +
Նենգ Ունտամոն իր մարդկանց զինեց սրերով, նիզակներով և կացիններով ու գնաց կռվելու հարազատ եղբոր դեմ։
 +
 +
Կալերվոյի սիրունիկ տանտիրուհին լուսամուտից դուրս նայեց և ասաց․
 +
 +
«Սև ամպե՞րն են արդյոք կուտակվել երկնքում, թե՞ թանձր ծուխ է բարձրացել․ որ ամեն ինչ այսպես խավար է երևում»։
 +
 +
Ոչ, դա ամպ չէր, ոչ էլ ծուխ․ դա Ունտամոն էր, որ իր զորքով եկել էր պատերազմելու եղբոր դեմ։
 +
 +
Եվ ահա՛ Ունտամոյի զորքերը սպանեցին Կալերվոյի ընտանիքի անդամներին, տունն էլ եղած֊չեղածով այրեցին։
 +
 +
Միայն սիրունիկ տիրուհին, որ արդեն մայրության էր պատրաստվում՝ փրկվեց։ Նրան բռնությամբ տարան Ունտամոյի տունը, որ այնտեղ աղախին լինի, տունն ու բակն ավլի֊մաքրի։
 +
 +
Օրեր անց, կինն ունեցավ մի արու զավակ։ Մայրը նրան կոչեց Կուլլերվո, իսկ Ունտամոն նրան ռազմիկ էր անվանում։ Մայրը տղային դրեց օրորոցն ու սկսեց օրորել։
 +
 +
Անցավ մեկ օր, երկու օր, երրորդ օրվա վրա տղան վրայից դեն շպրտեց բարուրն ու փոքրիկ վերմակը, ջարդեց օրորոցը և սկսեց չոչ անել հատակի վրա։
 +
 +
Ունտամոն մտածեց․ «Երևում է, որ դրանից ուժեղ տղամարդ դուրս կգա, կփոխարինի հարյուր ստրուկի, մենակ ինքը հազար վարձու աշխատողի գործ կանի»։
 +
 +
Անցավ մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս և տղան ոտքի կանգնեց։ Կուլլերվոն ինքն իրեն սկսեց խոսել․
 +
 +
«Շուտով ես կմեծանամ, ավելի կուժեղանամ և հորս վրեժը կլուծեմ, մորս տանջողներին արժանի հատուցումը կտամ»։
 +
 +
Ունտամոն այս խոսքերը լսեց, վախեցավ և ասաց․
 +
 +
«Այս տղայից պիտի ազատվել․ դա որ մեծանա, մի նոր Կալերվո կդառնա և ինձ շատ վնաս կհասցնի»։
 +
 +
Շատ մտածեց չար Ունտամոն և հրամայեց տղային դնել մի տակառի մեջ, տակառի բերանը փակել և ծովը նետել։
 +
 +
Այդպես էլ արին։ Անցավ երեք ցերեկ ու գիշեր։ Ունտամոն գնաց տեսնի՝ խեղդվե՞լ է արդյոք տղան։ Բայց ծովափ հասած֊չհասած ի՞նչ տեսնի, տղան դուրս է եկել տակառից և պղնձե կարթը ծովն է գցել ու ձուկ է որսում։ Զայրացավ ու այսպես խոսեց․
 +
 +
«Ի՞նչ անեմ, որտե՞ղ ուղարկեմ սրան, որ էլ արևի լույսը չտեսնի, կորչի գնա այս աշխարհից»։
 +
 +
Եվ իր ստրուկներին հրամայեց կեչու ճյուղերից, նոճիների չորացած բներից խարույկ սարքել և Կուլլեերվոյին այրել բոցավառ խարույկի վրա։
 +
 +
Ստրուկները հարյուր և հազար սահնակի վրա բարձած բերին և՛ կեչու, և՛ նոճինու բներ ու կոճղեր, ամեն տեսակի չոր ծառեր և բոլորն իրար վրա կուտակելով, չորս կողմից վառեցին։
 +
 +
Եվ երբ խարույկը բորբոքվեց, Ունտամոն վերցրեց երեխային և գցեց կրակի ամենաթեժ տեղը։
 +
 +
Երկու օր, երկու գիշեր բոցկլտում էր խարույկը։ Երրորդ օրը եկավ Ունտամոն և ի՜նչ տեսնի․ Կուլլերվոն ողջ ու առողջ նստել է մոխրի մեջ և մոխիրը մեկ ափից մյուս ափն է լցնում, մեկ֊մեկ էլ երկաթե կրակխառնիչով կրակն է թեժացնում։ Տղայի մեկ մազն անգամ չէր վնասվել։
 +
 +
Զայրացավ Ունտամոն և այսպես խոսեց․
 +
 +
«Հիմա ի՞նչ անեմ, որ այս տղան մեռնի և ես դրանից ազատվեմ»։
 +
 +
Եվ հրամայեց Կուլլերվոյին կախել կաղնու հաստ ճյուղից։
 +
 +
Անցավ երկու օր, երրորդ օրվա վրա նա իր ստրուկին ուղարկեց տեսնի՝ արդյոք չի՞ մեռել տղան։
 +
 +
Ստրուկը վերադարձավ և այսպիսի պատասխան բերեց․
 +
 +
«Ո՛չ, Կուլլեվրոն ոչ միայն չի մեռել, այլ ողջ և առողջ նստել է ծառի հաստ ճյուղին և մի մեծ երկաթե գամով կաղնու ծառը զարդարել է նախշերով․ նախշերի արանքներում էլ այրեր է փորագրել՝ սուրը ձեռքներին և դյուցազուններ՝ նիզակներով զինված»։
 +
 +
Չէ՛, Ունտամոն տեսավ, որ ոչ մի կերպ չի կարող Կուլլերվոյին զրկել կյանքից։ Ինչքան էլ դաժան բաներ արավ, միևնույն է, տղան գլուխն ազատում էր փորձանքից, ուստի որոշեց, իր ստրկուհու այդ կտրիճ որդուն, իբրև ստրուկ աշխատեցնել։ Եվ այսպիսի խոսքերով դիմեց Կուլլերվոյին․
 +
 +
«Թե հլու֊հնազանդ ծառայես, կդառնաս իմ ստրուկը և կաշխատես իմ տան համար։ Քո աշխատանքի դիմաց ինձնից վարձ կստանաս։ Նայած թե ինչպես կաշխատես, ըստ այնմ էլ կլինի վարձը՝ կամ կաշվե գոտի, կամ էլ մի շառաչուն ապտակ»։
 +
 +
Կուլլերվոյին գործի դրին․ պետք է երեխային օրորեր և նրա բարուրի շորերը լվանար։ Մեկ֊երկու օր պահեց և ի՛նչ․ երեխայի մատը տեղից դուրս ընկավ, մեկ աչքն էլ քոռացավ։ Երրորդ օրվա վրան երեխան արդեն ծանր հիվանդ էր․ Կուլլերվոն նրա բարուրի շորերը ծովը նետեց, օրորոցն էլ այրեց։
 +
 +
Ունտամոն տեսավ, որ տղան տան գործի համար կացին սարքի․ երբ կացինը սարքված էր, ամբողջ գիշերը նստեց, կացինը մի լավ սրեց և առավոտ շուտ անտառ գնաց։ Սկսեց ծառերը կտրտել։ Մեկ հարվածով գետին էր տապալում հսկա ծառը, իսկ փոքրերը շուռ էր տալիս մի թույլ հարվածով։
 +
 +
Հինգ ծառ տապալեց, հետո ութը ծառ և երբ այդ գործից ձանձրացավ, կացինը սուր սայրով խրեց ծառի մեջ և այսպես խոսեց․
 +
 +
«Այնտեղ, ուր կհասնի իմ ձայնը, թող այնտեղ տապալվեն հսկա կեչիները, և այսուհետև ոչ մի անգամ, ոչ մի տարի թող այստեղ, այս հողի վրա այլևս ոչ մի ճյուղ, ոչ մի ծիլ չաճի և ծառ չդառնա»։
 +
 +
Ունտամոն եկավ տեսավ դաշտը և կրկին զայրացավ․
 +
 +
«Չէ՛, այս գործին էլ պետք չեղավ Կուլլերվոն․ բոլոր պիտանի ծառերը կտրտել է և անտառը փչացրել է»։
 +
 +
Հիմա էլ պատվիրեց ցանկապատ սարքել։ Կուլլերվոն գործի անցավ։ Ցցերի փոխարեն նա գետին խրեց եղևնու ծառի հսկա բները, նրանց արանքում կապկպեց հարյուր սաժենանոց նոճիներ, ապա փարթամ ճյուղերով, տեսակ֊տեսակ ծառերով մի շատ բարձր ցանկապատ սարքեց։ Եվ այսպես խոսեց․
 +
 +
«Ով չի կարող թռչունի նման թռչել, նա չի կարող այս ցանկապատից ներս մտնել, որ կառուցել է Կալեվրոյի որդին՝ Կուլլերվոն»։
 +
 +
Ունտանոն տնից ելավ, տեսավ ցանկապատն ու ասաց․
 +
 +
«Այս գործում էլ անպետք եղավ այս տղան։ Ցանկապատը մինչ երկինքն է հասնում, մի դուռ էլ չի թողել, որ մարդ ներս ու դուրս անի, սարքածը մի բանի պետք չէ»։
 +
 +
Այս անգամ արդեն հանձնարարեց, որ տղան գարի աղա։
 +
 +
Կուլլերվոն գործի անցավ և ասաց․
 +
 +
«Թող գարու հատիկները փոշի դառնան, և քամին թող ցրիվ տա այդ փոշին»։
 +
 +
Ունտամոն եկավ տեսավ և կատաղեց֊փրփրեց․ գարին փոշի է դարձել, և քամին ցաք ու ցրիվ է անում այն։ Այսպես խոսեց․
 +
 +
«Ոչ մի բանի պետք չես, դու, անպիտան ստրուկ․ Արդյոք Ռուսաստա՞ն տանեմ վաճառեմ․ չէ՛, կտանեմ Կարելիա, կվաճառեմ դարբին Իլմարինենին․ գնա նրա մոտ մուրճ բանեցրու»։
 +
 +
Եվ Ունտամոն Կալերվոյի որդուն վաճառեց դարբին Իլմարինենին։
 +
 +
Դարբինը լավ գին վճարեց Կուլլերվոյի համար։ Տվեց երկու հին ղազան, վեց ժանգոտված գերանդի, մի քանի ջարդված մանգաղ ու լինգեր։ Դե, այդքանն էլ հազիվ արժենար այդ անպիտան ստրուկը։
 +
 +
 +
==Ռունա ԼԲ==
 +
 +
Իլմարինենի կինը Կուլլերվոյին հանձնարարում է իրենց նախիրն արածեցնել
 +
 +
 +
Կալերվոյի որդի Կուլլեվրոն անցնում է գյուղի միջով և ոչ միայն գյուղացիք, այլև ծառերն ու ծաղիկները հրապուրվում են նրա դյուցազնական տեսքով։ Գանգուրները ոսկեգույն են, ոտքերին կապույտ գուլպաներ ունի, կոշիկներն էլ նախշերով են զարդարված։
 +
 +
Հենց որ դարբնի տունը մտավ Կուլլերվոն, դիմեց նախ տիրոջը, ապա տանտիրուհուն․
 +
 +
«Ասացեք ինձ, թե ես ի՞նչ պիտի անեմ, որ անմիջապես գործի անցնեմ»։
 +
 +
Իլմարինենի կինը ապրում էր ճոխ կյանքով․ ընդարձակ տան մեջ նրա համար ամեն ինչ պատրաստ էր․ ջրաղացն աղուն էր աղում, ամաններն էլ ծովի ալիքներն էին լվանում։
 +
 +
Դաշտում, արտում և պուրակներում աճում էր ամեն տեսակ բարիք՝ ցորեն, գարի և քաղցրահամ պտուղներ։ Գետի վրա լողում են բադերը, գետի խորքում էլ ձկների առատ վտառներն են վխտում։
 +
 +
Ինչ տեսակ կերակուր ասես նրա համար պատրաստ է․ կաթն ու կարագն էլ ինչքան սիրտը ուզի։
 +
 +
Կեսրայրը ոնց որ հարազատ հայր, սկեսուրը հոգատար մայր, տեգրն ու տալն էլ ոնց որ սրտակից եղբայր ու քույր։
 +
 +
Անհոգ ու անդարդ ապրում էր Լոուխիի դուստրը, բայց շատ չար սիրտ ուներ աղջիկը։ Ուրիշի վիշտը նրան ուրախացնում էր, ուրիշի դժբախտությունը նրա համար խաղ ու պար էր։
 +
 +
Ստրուկները նրա մոտ ավելի վատ էին ապրում, քան թափառական շները։
 +
 +
Ինքն ուտում էր ընտիր ցորենի հաց և կարկանդակներ, իսկ ստրուկներին և ծառաներին տալիս էս տարեկանի ու թեփի շաղախից մի անեկ֊կիսաեփ գնդիկ։
 +
 +
Եվ ահա՛, այդ չար տիրուհին Կուլլերվոյին նախրորդ նշանակեց, որ արածացնի իր բազմաթիվ կովերը, եզներն ու աչառները։
 +
 +
Մի օր էլ որոշեց ծաղր ու ծանակի ենթարկել Կալլերվոյին և ցորենի այլուրի հետ թեփ խառնելով մի մեծ հաց թխեց՝ մեջտեղը խրելով մի քար։ Հացը տվեց նախրորդին ու ասաց․
 +
 +
«Հացը կուտես այն ժամանակ, երն նախիրն արոտավայր կհասցնես»։
 +
 +
Կուլլերվոն նախիրն առաջ գցած գնում է անտառը, ուր փարթամ արոտավայրեր կան։
 +
 +
Իսկ Իլմարինենի կինը մի քիչ գնում է նախրի ետևից և այսպես է խոսում․
 +
 +
«Ահա՛ անտառն եմ ուղարկում իմ կաթնատու կովերի նախիրը, ուղարկում եմ, որ արոտավայրերի թարմ, անուշահամ և սննդատու խոտերն ուտեն և պարարտանան։
 +
 +
Ով դու բարձրյալդ Ուկկո, պահպանիր և ամեն փորձանքից զերծ պահիր իմ նախիրը, թող քո ողորմածությամբ անտառի բոլոր թավուտներում ավելի փարթամ աճեն տեսակ֊տեսակ խոտերը, թող բոլոր ճահիճների տեղ մեղրահամ բույսեր փթթեն, թող աղբյուրների ջուրը միշտ զուլալ լինի, որպեսզի իմ կովերը կուշտ ուտեն֊խմեն և նրանց պտուկներից կաթը մշտապես հոսի հորդաբուխ գետի նման, որ իմ տան բոլոր ամանները տարվա բոլոր եղանակներին պռունկե պռունկ կաթով լցվեն»։
 +
 +
Ապա տիրուհին խնդրանք արավ անտառի ոգիներին․
 +
 +
«Ով դու անտառի տիրուհի Միէլիկկի, քո սպիտակ սավանով պաշտպանիր իմ նախիրը, երբ ավերիչ փոթորիկ լինի, երբ անձրև և կարկուտ թափվի երկնքից։
 +
 +
Ով դու անտառի որդի  Նյուրուրիկկի, եղևնու և նոճիների ցողուններով կամուրջ սարքիր անանցանելի տեղերի և ճահիճների վրայով, որպեսզի նրանք անվնաս դուրս գան անտառից և չմոլորվեն թավուտներում։
 +
 +
Իսկ դու, անտառի պարծանք մրթմրթան արջ Օտսո, արի քեզ հետ հավերժորեն խաղաղ ապրենք և պայման կապենք, որ դու ամբողջ ամառվա ընթացքում չվնասես իմ կաթնատու երկսմբակավորներին, երբ նրանք արածում են անտառներում։
 +
 +
Երբ լսես զանգուլակների զնգզնգոցը և նախրորդի շվիկի նախազգուշացնող կանչը, դու պառկիր ճահճի մեջ և գլուխդ ու ականջներդ թաղիր մամուռների արանքը, կամ էլ թե չէ փախիր հեռու ծմակը, որպեսզի ոչ զանգակների զնգզնգոցը լսես, ոչ էլ նախրորդների ձայնն ականջիդ հասնի։
 +
 +
Լսիր, իմ սիրելի Օտսո, դու անտառի մեղրաթաթ բնակիչ, չեմ արգելում որ պոչդ մեկ֊մեկ թափ տաս իմ նախրի մոտերքում, բայց մենակ թե սուր ատամներդ գործի չդնես և իմ կովերը չխժռես։
 +
 +
Հենց որ լսես իմ նախրորդների կանչը, դու այդտեղից հեռու գնա։ Եթե նախիրը դաշտումն է, դու փախիր գնա ճահիճը, եթե նախիրը ճահճումն է, դու պետք է փախչես գնաս անտառի թավուտները։ Թե սարի գագաթին է արածում նախիրը, դու պիտի մնաս ստորոտում, երբ արդեն սարից ցած է իջնում, այն ժամանակ դու կարող ես բարձրանալ գագաթը։
 +
 +
Եթե քաղցած ես և ուտել ես ուզում, ապա անտառում բուսած սունկերը կեր, թփուտներում հասունացած պտուղները կեր, հետո գնա և փեթակների մեղրն անուշ արա։
 +
 +
Ուրեմն այս պայմանը պայման է․ մենք խաղաղության դաշն ենք կնքում․ ես ու դու տերն ենք մեր հողերի, անտառների ու դաշտերի և բնության բարիքը, որ այնքան առատ է ամառվա ջերմ եղանակին, ինձ էլ, քեզ էլ լիովին կբավականացնի։
 +
 +
Իսկ թե շատ ես ուզում կռվենք, ապա կկռվենք ձմռանը փափուկ ձյունի վրա։
 +
 +
Այս էլ իմացիր, թե պայմանը խախտես և ուզենաս վնասել իմ անասուններին, ապա քեզ վրա կհարձակվեն իմ մարդիկ։ Իմ տան տերն էլ շատ կտրիճ մարդ է։ Նրանք քո ճամփան կփակեն և չեն թույլ տա, որ դու, հակառակ Աստծո կամքին վնասես իմ կաթնատու անասուններին»։
 +
 +
Տիրուհին այս անգամ դիմեց անտառի տիրակալին․
 +
 +
«Ով դու ճերմակամորուս բարի Կույպպանա, քո գամփռներին կապած պահիր, ցռուկներին սանձ դիր, որպեսզի նրանք չկարողանան վնասել իմ նախիրը պահող մարդկանց, թե չէ նախիրն անտեր մնալով գազաններին կեր կդառնա»։
 +
 +
Վերջում տիրուհին կրկին նայեց վեր ու ասաց․
 +
 +
«Ով դու բարձրյալդ Ուկկո, լսիր իմ սրտից բխող խոսքերը․ եթե այս բոլորը չօգնի և իմ նախրին վտանգ սպառնա, ապա իմ բոլոր անասուններին ծառեր դարձրու, կամ էլ թե չէ քարերի տեսք տուր, մինչև չար գազանները կորչեն֊հեռանան»։
 +
 +
Իլմարինենի կինը, այդ բանիբուն տիրուհին, ահա այսօր էլ այսպիսի խոսքերով իր նախիրը ճամփու դրեց և Կուլլերվոյին էլ պատվիրեց, որ լավ հսկի անասուններին։
 +
 +
 +
==Ռունա ԼԳ==
 +
 +
Չար տիրուհին զայրացնում է Կալլերվոյին, Կալլերվոն նրան պատժում է
 +
 +
 +
Կալերվոյի որդին՝ Կուլլերվոն, հացը դրեց մախաղի մեջ և նախիրը քշեց դեպի արոտավայրը։ Ճամփին նա ինքն իրեն խոսեց․
 +
 +
«Ա՜խ, ես աշխարհի ամենաթշվառ տղան եմ։ Այս որտե՞ղ եմ ընկել․ մի՞թե նրա համար եմ ստեղծվել, որ կովերի ետևից ընկնեմ, ճահիճներով ու թավուտներով անցնեմ և տեսնեմ, թե ոնց են աչառները թափ տալիս իրենց պոչերը»։
 +
 +
Նստեց խոտի վրա․ արևը տաքացնում էր․ տղան սկսեց երգել և այսպես էր նրա երգը․
 +
 +
«Ով դու կենսատու արև, որ Աստծու կամքով պտտվում ես երկնքում, ջերմացրու, լույս տուր ինձ՝ խեղճ նախրապանիս․․․ դարբնի նախիրն եմ արածացնում, բայց ոչ դարբնին, ոչ էլ նրա կնոջը լույս մի առաքիր։ Այդ չար կինն իր համար հաց է թխում մաքուր ցորենի ալյուրից, հացին կարագ է քսում և այնպես ուտում, իսկ խեղճ նախրապանիս միայն քարթու հաց է բաժին հանում։ Տիրուհին իր համար պատրաստում է ամենաընտիր կերակուրներ, իսկ թշառ Կուլլերվոյիս առաջը դնում է մի անպետք ապուր, որը լակել է շունը»։
 +
 +
Այդ պահին մի թռչուն ծլվլաց․
 +
 +
«Ժամանակն է, որպեսզի որբ տղան ճաշի»։
 +
 +
Կուլլերվոն տեսավ, որ արևն արդեն թեքվել է, կովերին քշեց բացատը, որ հանգստանան, ինքն էլ նստեց մի կոճղի վրա և հացն հանեց մախաղից։ Այսօր կարծես թե հացը լավն էր․ այդ ո՞նց բան էր, որ չար տիրուհին չէր խնայել՝ ցորենի ալյուր էր խառնել բոքոնին։
 +
 +
Տղան գրապնից հանեց դանակը և ուզեց հացը կտրել, որ ճաշի։ Մեկ էլ ի՜նչ․ դանակը դիպավ հացի միջում դրված քարին՝ սայրը ջարդվեց, տղայի ձեռքում մնաց կոթը։
 +
 +
Կուլլերվոն այս որ տեսավ, շատ տխրեց, լաց եղավ ու ասաց․
 +
 +
«Այս դանակն ինձ համար թանկ էր․ չէ՞ որ իմ սիրելի հորիցս ինձ մնացած միակ հիշատակն էր․ հիմա դրանից էլ զրկվեցի։ Այդ զզվելի, դաժան ու ագահ տիրուհին դիտմամբ է քարը դրել հացի մեջ, որ այսպիսի փորձանք գա գլխիս։ Ի՞նչ անեմ, ինչպե՞ս, ի՞նչ ձևով վրեժ լուծեմ այդ գարշելի կնոջից, որ այսպես ծաղր ու ծանակի է ենթարկում ինձ»։
 +
 +
Ծառի վրայից ագռավը կռկռոցով ասաց․
 +
 +
«Մի՛ տխրիր, Կալերվոյի որդի, իզուր արցունք մի թափիր․ ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես վրեժ լուծես քո չար տիրուհուց։ Կեչու ծառից մի հաստ ճյուղ պոկիր և բոլոր կովերը քշիր դեպի ճահիճը․ թող կովերի մի մասն արջերը խժռեն, մյուս մասն էլ գայլերը հոշոտեն։ Երբ անտառի գազանները կշտանան, արջերը կովերի տեսք կստանան, գայլերն էլ հորթերի։ Այն ժամանակ քո այս նոր նախիրը քշիր դեպի քո տիրուհու գոմերը։ Դրանով դու քո վրեժը կլուծես Լոուխիի չար աղջկանից, որ քեզ անամոթաբար ծաղր ու ծանակի ենթարկեց»։
 +
 +
Կուլլերվոբ ասաց․
 +
 +
«Այդպես էլ կանեմ․ ես հորիցս մնացած հիշատակը կորցնելու համար եմ լաց լինում, հիմա դու տես չա՜ր տիրուհի, թե ինչքան լաց կլինես քո կովերի համար»։
 +
 +
Եվ ծառից պոկելով հաստ ճյուղը, նախիրը քշեց դեպի ճահիճը։ Արջերն ու գայլերն իսկույն խժռեցին կովերին ու հորթերին։ Կուլլերվոն երեկոյան դեմ կովերի և հորթերի կերպարանք առած արջերին ու գայլերին քշեց դեպի տիրոջ տունը։
 +
 +
Ճամփին Կուլլեվրոն անտառի գազաններին այսպիսի պատվեր տվեց․
 +
 +
«Բակը մտեք, իբրև թե հլու֊հնազանդ կովեր եք, մսուրի մոտ կանգնեք ոնց որ միամիտ հորթեր։ Հենց որ տիրուհին կգա ձեզ կթելու, իսկույն հոշոտեք նրան․ սուր ատամներով պոկեցեք ազդրերը, ձեր ճանկերով քրքրեցեք մարմինը»։
 +
 +
Աչառի կոտոշից, կովի ոսկորից Կուլլերվոն եղջերափող սարքեց և երբ արդեն մոտիկ բլուրից նախիրը դեպի տուն էր թեքվում, երեք անգամ փողը փչեց, որ Իլմարինենի կինը՝ տանտիրուհին նախրին ընդառաջ գա։
 +
 +
Իսկ տանտիրուհին սրտատրոփ սպասում էր, թե երբ նախիրը տուն կգա, որ կովերին կթի և կարագ պատրաստի։ Հենց որ լսեց եղջերափողի ձայնը, դուրս եկավ ու ասաց․
 +
 +
«Փա՛ռք քեզ աստված ամենակալ, եղջերափողը հնչեց, նախիրը տուն է գալիս, բայց որտեղից նախրորդը ճարեց այդ եղջերափողը, որ այդպես զիլ է հնչում, այնքան զիլ, որ քիչ է մնում ականջներս խլանան»։
 +
 +
Կուլլերվոն պատասխանեց․
 +
 +
«Ճահճի միջից գտա այս եղջերափողը․ ես ուժեղ փչեցի, որ դու շուտ դուրս գաս, օջախը վառես և կովերը կթես»։
 +
 +
Իսկ տիրուհին չի ուզում իրեն նեղություն տալ, ուստի դիմեց սկեսուրին․
 +
 +
«Մայրիկ, դու գնա կովերը կթիր, ես հո չեմ կարող տան բոլոր գործերն անել․ ես պիտի խմոր հունցեմ»։
 +
 +
Կուլլերվոն գիտեր, եթե խեղճ պառավը գնար կթելու, գազանների կեր կդառնար, ուստի ասաց․
 +
 +
«Ով դու տիրուհի, չէ՞ որ դու ջահել ես և լավ գիտես, թե ինչպես պիտի կթես կովերը, որ ավելի շատ կաթ տան․ է, ինչո՞ւ ես այդ հաճելի գործն ուրիշի վրա թողնում»։
 +
 +
Տիրուհին գնաց օջախը վառեց, հետո մտավ գոմը և տեսնելով, թե ինչքան լիքն են կովերի ստինքներն՝ ուրախացավ և, կաթմնամանը վերցնելով, չոքեց կովի ետևի ոտքերի մոտ ու սկսեց կթել․
 +
 +
Մեկ անգամ քաշեց պտուկից, հետո մեկ անգամ էլ և երբ ուզեց երրորդ անգամ քաշել, գայլը կծեց նրա թևը, իսկ արջն այնպես ամուր խայծեց ազրդը, որ ոսկորը ջարդեց։
 +
 +
Իլմարինենի հպարտ կինը սկսեց լալ և այսպես խոսեց․
 +
 +
«Ով դու գարշելի ստրուկ, ինչպե՞ս համարձակվեցիր արջերն ու գայլերը իմ գոմը բերել»։
 +
 +
Կուլլեվրոն պատասխանեց․
 +
 +
«Իհարկե, ես վատ գործ եմ արել, բայց դու էիր պատճառը, ո՛վ դաժան կին, եթե դու ինձ ծաղր ու ծանակի չենթարկեիր և քար չդնեիր հացի մեջ, եթե իմ հոր միակ հիշատակից՝ դանակից չզրկվեի, ես արջերն ու գայլերը չէի քշի բերի քո բակը»։
 +
 +
Տիրուհին աղաչանք արավ․
 +
 +
«Ով դու իմ սիրելի նախրորդ, կախարդանք արա և ազատիր ինձ գայլերի ժանիքներից ու արջերի ճանկերից։ Ազատի՛ր․ այսուհետև քեզ ամենաըտիր ուտելիքը կտամ, առավոտներն ինչքան ուզենաս թարմ կաթ կխմես, քեզ կտամ ամենաթանկագին պատմուճանը, ամենաընտիր մահուդից շալվար կհագցնեմ քեզ․ դե, շո՛ւտ արա, ազատիր ինձ, թե չէ ես խայտառակ մահով կմեռնեմ և հող ու մոխիր կդառնամ»։
 +
 +
Կուլլերվոն պատասխանեց․
 +
 +
«Ինձ է՛լ ոչինչ պետք չէ․ արժանի է, որ դու անարգ մահով մեռնես, խոնավ հողի տակ քեզ համար հարմար տեղը պատրաստ է»։
 +
 +
Տիրուհին նորից խոսեց․
 +
 +
«Ով դու ամենակալ տեր Ուկկո, քո հզոր նետ ու աղեղով պատուհասիր Կալերվոյի որդուն, հողին հավասարեցրու այս անպիտան ստրուկին»։
 +
 +
Կուլլեվրոն ևս խոսեց․
 +
 +
«Ով ամենակալ տեր Ուկկո, քո նետ ու աղեղով ո՛չ թե ինձ պատուհասիր, այլ այս չար կնոջը, որ երկիրն ազատվի այսպիսի դաժան տիրուհուց․ նետահարիր, որ հենց տեղն ու տեղը մնա»։
 +
 +
Եվ գազաններից հոշոտված չար կինը ընկավ գետնին ու շունչը փչեց։
 +
 +
Այսպես մեռավ այն գեղեցիկ կինը, որին վեց տարի շարունակ փնտրել ու տենչացել էր ճարտար դարբին Իլմարինենը։
 +
 +
 +
==Ռունա ԼԴ==
 +
 +
Կալլերվոն թափառում է անտառներում․ մի պառավ կին նրան բարի լուր է հաղորդում
 +
 +
 +
Կուլլեվրոն ուզեց ժամ առաջ թողնել հեռանալ այդտեղից, քանի Իլմարինենը չի իմացել, որ կինը մեռել է, թե չէ շա՜տ կզայրանա դարբինը և իրեն կվնասի։
 +
 +
Շտապ վազեց հասավ անտառն ու սկսեց երգել․ ծառ ու թուփն էլ կարծես նրան ձայնակցում էին։ Լավ էր, որ վրեժը լուծեց չար տիրուհուց, բայց սիրտն ուրախ չէր։
 +
 +
Դարբինն աշխատանքը թողեց և ուզեց իմանալ, թե ինչ ձայներ են գալիս անտառից․ քիչ հետո էլ բակը մտավ և ամեն ինչ հասկացավ․ տեսավ, որ իր գեղեցկուհի կինն անշունչ ընկած է բակի խոտերի մեջ։ Դարբինն ամբողջ գիշերը լաց եղավ․ լման մի շաբաթ արցունքը չէր ցամաքում նրա աչքերից․ սիրտն էլ սև կապեց, ավելի սև, քան իր դարբնոցի ածուխը։
 +
 +
Իսկ Կուլլերվոն ճամփա ընկել ու գնում է, ոչ տուն ունի, ոչ տեղ․ որտեղ մթնում էր, այնտեղ էլ քնում է։ Դառն են անտեր֊անտիրական տղայի մտքերը․
 +
 +
«Ի՜նչ վատ բան է որբ լինել այս լայն աշխարհում։ Մեկը գնում է իր հայրենի աշխարհը, իր հարազատների մոտ, մեկ ուրիշն շտապում է հանգստանալ իր սեփական հարկի տակ, իսկ իմ հայրենիքը մութ անտառն է, դաշտն էլ իմ տունը։ Իմ օջախը ցուրտ քամին է, անձրևն էլ իմ բաղնիքը։
 +
 +
Ով դու բարձրյալդ Ուկկո, այնպես արա՛, որ երբեք այս երկրի վրա երեխաներն անհայր ու անմայր չմնան, ինչպես ես եմ հիմա։ Արևը ջերմացնում է բոլորին՝ թռչուններին և տունկերին, միայն ի՛նձ չի ջերմացնում, մենակ ի՛նձ չի ուրախացնում արևը։
 +
 +
Հոր երես չեմ տեսել, մորս էլ կորցրել եմ քանի դեռ բարուրների մեջ էի, իմ հորական ամբողջ տոհմը ոչնչացրեց այդ չար Ունտամոն։ Իմ բաժինը եղել է ձնե գուլպան և սառցե կոշիկը․ ինձ նետել են սառցե բարակ շերտով ծածկված գետի վրա, որ սառույցը ջարդվի և ես ընկնեմ անդունդն ու խեղդվեմ։ Թե մի հրաշքով սառցակալած գետից փրկվեմ՝ ճահիճն է իմ առաջ․ չար բախտը հրում է ինձ դեպի այդ հոտած ջրերը, որ ընկղմվեմ դրանց մեջ և կործանվեմ։
 +
 +
Բայց ես երբե՛ք չեմ ուզում կործանվել, երբե՛ք չեմ ուզում բաժանվել կյանքից․ չէ՞ որ ես էլ ուրիշների նման երկու ձեռք ունեմ և ամեն մեկ ձեռքիս վրա հինգ ճկուն մատներ»։
 +
 +
Եվ իրենց տոհմին դժբախտացնող Ունտամոյի դեմ զայրացած, այսպես խոսեց․
 +
 +
«Ով դու չար Ունտամո, քո արածները չե՛ս մարսի, շուտով ես կգամ քեզ մոտ և իմ հարազատների վրեժը կլուծեմ, քո տունը բրիշակ կանեմ, կրակի ճարակ կդարձնեմ։
 +
 +
Այդ պահին անտառի միջով անցնում էր մի պառավ կին՝ կապույտ լաչակը գլխին․ նա ճանաչեց Կալերվոյի որդուն, մոտեցավ և հարցրեց․
 +
 +
«Կուլլերվո, ո՞ւր ես գնում, ո՞ւր ես շտապում»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Շատ դառն է վիճակը, ծնողներից զրկվել, այսպես անտեր եմ մնացել․ ուզում եմ գնալ, գտնել Ունտանոյին և նրա տունն ու տեղը հող ու մոխիր դարձնեմ, ոնց որ նա իմ հարազատներին սպանեց, իմ հորական տունն ավերակ դարձրեց»։
 +
 +
Պառավն ասաց․
 +
 +
«Ո՛չ, ձեր տոհմը չի ոնչնչացել․ հայրդ մի կերպ փրկվել և ապրում է․ մայրդ էլ եկել գտել է հորդ»։
 +
 +
«Դու անուշիկ նանիկ, շուտ ասա, որտե՞ղ են ապրում իմ հայրիկը, իմ տառապած մայրիկը»։
 +
 +
Պառավն ասաց․
 +
 +
«Քո հայրն ու մայրը ապրում են լապլանդական հողում, այնտեղ ուր լճակներում շատ տեսակի առատ ձկներ կան»։
 +
 +
Կուլլերվոն շտապ հարցրեց․
 +
 +
«Ով դու թանկագին նանիկ, շուտ ասա, ինչպե՞ս հասնեմ այդ աշխարհը, ի՞նչ ճամփով գնամ, որ գտնեմ հարազատներիս»։
 +
 +
Պառավը պատասխանեց․
 +
 +
«Այնքան էլ մոտ չէ այդ երկիրը․ սկզբից կերթաս այս անտառով․ ուղիղ և ուղիղ գնա մեկ օր, երկու օր, երրորդ օրվա վրա, երբ դուրս գաս անտառից, կտեսնես մի բարձր սար։ Սարի ձախ կողմով քիչ կթեքվես, կերևա մի գետ․ գետի ափով այնքան կքայլես, մինչև կհանդիպես մի բլուրի․ այդ բլուրի մոտերքում կա մի ձկնորսական խրճիթ․ հենց այդ խրճիթում էլ ապրում են քո հարազատները․ այնտեղ էլ նրանց հետ ապրում են քո երկու շա՜տ սիրունիկ քույրերը»։
 +
 +
Կուլլերվոն ճամփա ընկավ․ երկու օր գնաց, մինչև անտառից դուրս եկավ։ Երրորդ օրվա վրա տեսավ սարը, թեքվեց դեպի հյուսիս և սկսեց քայլել գետափով, վերջապես բլուրն էլ ետևում թողեց և տեսավ ձկնորսական խրճիթը։ Ներս մտավ, բայց տնեցիք նրան չճանաչեցին․ հարցրին․
 +
 +
«Ի՞նչ տոհմից ես դու, որտեղի՞ց ես եկել»։
 +
 +
Կուլլերվոն տխուր ձայնով պատասխանեց․
 +
 +
«Ա՛խ, դուք ձեր հարազատ որդուն չե՞ք ճանաչոմ։ Ես դեռ մի թզաչափ էլ չեմ եղել, որ Ունտանոյի մարդիկ ինձ գերի են տարել»։
 +
 +
Մայրը տեղից վեր թռավ, հոգոց հանեց, փաթաթվեց որդուն և ասաց․
 +
 +
«Ա՛խ դու իմ խեղճ, սիրելի որդի, ոսկուց էլ թանկ զավակս․ այս ի՞նչ բախտ է, որ ողջ ու առողջ ես մնացել և եկել գտել ես ծնողներիդ․․․ իսկ ես ինչա՜ն եմ արցունք թափել քեզ համար, հենց իմացել եմ, թե դու էլ փորձանքի ես հանդիպել և ե՛ս թշվառս, էլ քեզ ողջ֊առողջ չեմ տեսնի»։
 +
 +
Քո երկու եղբայրն ու երկու քույրը փրկվել էին։ Բայց մեծ եղբայրդ ու մեծ քույրդ գնացին և այլևս չվերադարձան։ Եղբայրդ կռվում զոհվեց, իսկ քույրդ կորավ։ Մյուս եղբայրդ մեզ հետ է ապրում, մյուս քույրիկդ տանից դուրս է գնացել, շուտով կվերադառնա»։
 +
 +
Կուլլերվոն հարցրեց․
 +
 +
«Իսկ որտե՞ղ է կորել իմ քույրը»։
 +
 +
Մայրը պատասխանեց․
 +
 +
«Քույրդ անտառ գնաց պտուղ հավաքելու․ այնտեղ էլ կորավ իմ սիրունիկ թռչնակը։ Շատ սպասեցինք, բայց աղջիկս տուն չվերադարձավ․ թե ինչ փորձանք եկավ գլխին՝ այնպես էլ չիմացանք։
 +
 +
Իսկ ո՞վ է ավելի շատ տանջվում իր աղջկա համար, քան հարազատ մարը։ Ասացի գնամ անտառը, փնտրեմ, գուցե թե մի բան իմանամ։ Արջի նման ծայրեծայր անցա անտառը, մտա թավուտները, անցա կածաններով, բարձրացա թմբերը․ մեկ օր, երկու օր, երեք օր անվերջ փնտրեցի ու փնտրեցի՝ ոչինչ չգտա․ վերջը ձայն տվի․
 +
 +
«Որտե՞ղ ես դու, իմ սիրելի աղջիկ, ախր աչքներս ջուր արած քեզ ենք սպասում»։
 +
 +
Աղջկանս ձայնը այնպես էլ չլսեցի, նրա փոխարեն լեռներն ու ծառերը պատասխանեցին․
 +
 +
«Այդպես սրտապատառ մի կանչիր, միևնույն է, աղջիկդ չի լսի․ նա այլևս երբե՛ք հորական տունը չի մտնի, երբե՛ք մոր գիրկը չի վերադառնա»։
 +
 +
 +
==Ռունա ԼԵ==
 +
 +
Կուլլերվոն մի ժամանակ ապրում է ծնողների մոտ․ մի օր անտառում հանդիպում է թափառական աղջկա․ պարզվում է, որ աղջիկն իր անհետ կորած քույնր է
 +
 +
 +
Կալերվոյի որդին՝ Կուլլերվոն, կապույտ գուլպաներով այդ տղան ուրախ էր, որ հորական տանն էր ապրում, բայց խելքը գլուխը չհավաքեց․ ախր հենց օրորոցից վատ էր դաստիարակված․ նրա խնամակալները տխմար մարդիկ էին եղել։
 +
 +
Հայրը մի քանի գործ հանձնարարեց, բայց տղան ոչ մեկն էլ չկարողացավ, ինչպես պետքն է, գլուխ բերել։ Մի օր նստեց նավակն ու թիավարեց, բայց այնպես ուժեղ ու անշնորհք շարժեց թիերը, որ թիակալները տեղահան եղան․ նավակն էլ դիպավ լճի մեջ ցցված քարերին և ջարդուփշուր եղավ։
 +
 +
Կալերվոն որ այդ տեսավ, ասաց․
 +
 +
«Դու բոլորովին չես կարող թիավարել, արի գնա ձուկ որսա, գուցե դրանից գլուխ հանես»։
 +
 +
Կուլլերվոն սկսեց ձուկ որսալ, բայց ցանցն այնպես կոպիտ քաշքշեց, որ այն պատռոտեց, կարթերը ջարդեց և ոչ մի հատ ձուկ չկարողացավ որսալ։
 +
 +
Հայրն այս անգամ պատվիրեց․
 +
 +
«Տեսնում եմ, որ քեզնից ձկնորս էլ դուր չի գա։ Ավելի թեթև գործ կհանձնարարեմ քեզ։ Լծի՛ր սահնակը, վրան բարձիր ցորենի պարկերը և տար հանձնիր տուրքերը գանձողի պահեստը»։
 +
 +
Կուլլերվոն ցորենը տարավ հանձնեց տուրքերը գանձողին և ինքը նորից նստեց սահնակն ու ճամփա ընկավ դեպի հայրական տունը։
 +
 +
Նրա սահնակն աղմուկով անցավ Վեյնեմեյնենի ձյունապատ դաշտերով։ Եվ ահա՛ քիչ հետո տեսավ, որ դաշտի միջում դահուկներով սահում է մի աղջիկ։ Տղան ասաց․
 +
 +
«Սիրունիկ աղջիկ, արի նստիր իմ սահնակը, տե՛ս ինչ փափուկ մորթի եմ փռել․ նստի՛ր, հանգստացիր»։
 +
 +
Աղջիկը դահուկներով սղղալով սահնակի կողքից, ասաց․
 +
 +
«Ինչի՞ս է պետք քո սահնակը․ ես այդ կեղտոտ մորթու վրա նստողը չեմ»։
 +
 +
Կուլլերվոն քշեց սահնակը և երբ հասավ լապլանդական դաշտերին, տեսավ զուգված֊զարդարված մի աղջիկ։ Տղան ձգեց ձիու սանձերը․ սահնակը մնաց տեղում կանգնած։ Կուլլերվոն մեղմ ձայնով ասաց․
 +
 +
«Սիրունիկ աղջիկ, արի նստիր իմ սահնակը, նստիր փափուկ մորթու վրա և հանգստացիր։ Քեզ կհյուրասիրեմ խնձորով և կաղնու միջուկով»։
 +
 +
Զուգված֊զարդարված աղջիկն այսպես պատասխանեց․
 +
 +
«Ես թքել եմ քո սահնակի վրա, ինչի՞ս է պետք դա․ քշիր, կորիր, դու էլ, քո զզվելի սառն սահնակն էլ»։
 +
 +
Կուլլերվոն բարկացած ցած թռավ, մի ակնթարթում բռնեց աղջկա մեջքից և բերելով սահնակը՝ նստեցրեց իր կողքին։
 +
 +
Աղջիկը բարկացած ճչաց։
 +
 +
«Շո՛ւտ, բաց թող ինձ, թո՛ղ, ես չեմ ուզում մնալ և կոպիտ խոսքեր լսել, չեմ ուզում, որ վատ մտքերով ձեռքերդ ինձ դիպցնես։ Թող իջնեմ, գնամ, թե չէ սահնակդ կջարդեմ, տաշեղի նման ցրիվ կտամ»։
 +
 +
Կուլլերվոն այս խոսքերի վրա պսպղուն կափարիչով սնդուկը բացեց։ Աղջիկը նայեց և ի՜նչ տեսնի․ արծաթ՝ ինչքան ուզես։ Գույնզգույն զգեստներ և լաչակներ, ոսկե երիզներով գուլպաներ, արծաթյա քամարներ։
 +
 +
Ջահել աղջկան դուր եկավ թե՛ արծաթը, և թե ոսկեզօծ հագուստները։
 +
 +
Կուլլերվոն սիրտ առավ․ մեկ ձեռքով ձիու սանձն է բռնել, որ սահնակն ուղիղ ճամփով գնա, մյուս ձեռքով աղջկա մեջքն է գրկել և համբուրում է սիրունիկին։
 +
 +
Եվ ահա՛, երբ մութն ընկավ, սահնակը կանգ առավ։ Կուլլերվրոն աղջկան քաշեց սահնակի ծածկի տակ՝ փափուկ մուշտակի վրա․․․ ոսկով և արծաթով հրապուրված աղջիկը թուլացավ, անձնատուր եղավ․․․
 +
 +
Երբ լույսը բացվեց, աղջիկը սկսեց հարձ ու փորձ անել․
 +
 +
«Տեսնում եմ, ով երիտասարդ, որ շատ խիզախն ու համարձակն ես․ երևի նշանավոր տոհմից ես, քո հայրն էլ երևի շատ հայտնի մարդ էր»։
 +
 +
Կուլլեվրոն պատասխնեց․
 +
 +
«Ես շատ նշանավոր տոհմից չեմ․ իմ տոհմը ոչ նշանավոր է, ոչ էլ աննշան․ այնպե՛ս, միջին խավերից եմ։ Ես դժբախտ Կալեվրոյի որդին եմ, խելքս շատ բանի չի հասնում, ոչ մի բանի պիտանի չեմ։ Իսկ դու, սիրունիկ աղջիկ, ի՞նչ տոհմից ես․ երևի նշանավոր տոհմից․ քո հայրն էլ երևի շատ հայտնի մարդ է»։
 +
 +
Այսպես պատասխանեց աղջիկը․
 +
 +
«Ես նշանավոր տոհմից չեմ․ իմ տոհմը ոչ նշանավոր է, ոչ էլ աննշան․ այնպե՛ս, միջին խավերից եմ։ Ես աղքատ Կալեվրոյի դուստրն եմ․ խելքս շատ բանի չի հասնում, ոչ մի բանի պիտանի չեմ։
 +
 +
Դեռահաս աղջիկ էի, մորս փեշից բռնած ապրում էի․ և ահա մի օր անտառ գնացի, սկսեցի թփուտներից մորի հավաքել, կաղին պոկել ծառերից։ Մեկ օր, երկու օր ապրեցի պտուղներով, երրորդ օրն ուզեցի տուն վերադառնալ, բայց ճամփան կորցրել էի։ Գնացի անտառի արահետներով, մտա թավուտները և գիշեր֊ցերեկ լաց էի լինում։ Երրորդ օրն հասա մի բարձր սարի, նստեցի կոճղին։ Լաց եմ լինում ու ձայն տալիս։ Մեկ էլ տեսնեմ իմ կանչին պատասխանում է անտառը։
 +
 +
«Ով դու անխելք աղջիկ, բավական է լաց լինես ու կանչես, միևնույն է, քո ձայնը ոչ ոք չի լսում, քո ձայնը մինչև ձեր տունը չի հասնի»։
 +
 +
Նորից թափառեցի․ երեք օրը դարձավ չոր, հինգ, վեց օր, բայց մարդ արարածի չհանդիպեցի․ էլ ապրելս չէի ուզում․ երանի մեռնեի, ազատվեի տանջանքներից, բայց ինչ էլ անում էի, մահն ինձ մոտ չէր գալիս։
 +
 +
Եթե ես մեռնեի և հողին խառնվելով փտեի, կարող էր մեկ, երկու, կամ երեք տարի անց այդ հողի վրա փարթամ բույսեր աճեին, թփուտներում բույսեր հասունանային և ես այս օրվան չէի հասնի, այսպիսի խայտառակ փորձանք չէր գա գլխիս»։
 +
 +
Այս խոսքերն ասաց֊չասաց, աղջիկն իրեն անմիջապես դուրս նետեց սահնակից, վազեց հասավ մոտիկ վարարուն գետին և իրեն նետեց փրփրուն ալիքների մեջ։ Սիրունիկ, թշվառ աղջիկը սուզվեց գետի հատակը և ընկավ մոռացության աշխարհը։
 +
 +
Կուլլերվոն աղջկա ետևից վազեց, բայց էլ ի՛նչ կարող էր անել, սկսեց դառն ողբալ․
 +
 +
«Ո՛հ, ես ի՜նչ դժբախտ եմ․ այս ինչ դաժան է իմ ճակատագիրը։ Ես իմ հարազատ քրոջը պատվից զրկեցի, դժբախտ հորս ցավին նոր ցավ ավելացրի։ Ով իմ սիրելի հայր և ով դու իմ գորովագութ մայր, երանի՜ ինձ աշխարհ չբերեիք․ լավ էր, որ փոքր հասակում մեռնեի և այս չար աշխարհում չապրեի։ Ի՞նչ է մահը և հիվանդությունները կուրացե՞լ էին, որ ինձ չտեսան և իմ ծննդյան մյուս գիշերն իսկ իմ հոգին չառան»։
 +
 +
Նա թողեց սահնակը, նստեց ձին և շտապեց հոր տունը։ Բակում տեսավ մորն ու ասաց․
 +
 +
«Իմ սիրելի մայր, երանի թե իմ ծնվելու օրն իսկ, դու ինձ ծխով ու գոլորշիով լցված բաղնիքը դնեիր, որ խեղդվեի, կամ էլ թե չէ փաթաթեիր քուրձերի մեջ և վառարանը գցեիր, որ վառվեի, պրծնեի այս աշխարհից»։
 +
 +
Ճերմակահեր մայրն հարցեց․
 +
 +
«Ի՞նչ է պատահել քեզ, որդիս, կարծես թե Մանալի մութ աշխարհից ես եկել․ այս ինչե՞ր ես ասում»։
 +
 +
Կուլլերվոն պատասխանեց․
 +
 +
«Շատ դառն, շատ ծանր բան է պատահել․ ես իմ հարազատ քրոջն եմ պատվից զրկել։ Հենց որ հարկը վճարեցի և ճամփա ընկա, ինձ հանդիպեց մի աղջիկ։ Ես սկսեցի սիրաբանել և հետո ի՞նչ իմանամ․ դա իմ մորից ծնված քույրս է։ Քույրս չդիմացավ այդ անպատվությանը և իրեն գետը գցեց, խեղդվեց։ Ես, անճարս, չեմ իմանում, թե ի՞նչ անեմ, որ վերջ տամ այս անպիտան կյանքիս։ Ինչպե՞ս է վիճակված ինձ մեռնել․ գայլի ճիրաններո՞ւմ, թե՞ արջի թաթերի մեջ․ կետ ձկան կուլ կգնամ, թե՞ գայլաձկան ատամներն ինձ կխժռեն»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
Իմ ազիզ որդի, մեռնելու մասին մի մտածիր․ շատ ծանր է եղածը, բայց մեր չար բախտն ի՜նչ փորձանք ասես, որ չի բերել մեր գլխին։ Աշխարհը լայն է, մի տեղ պատսպարվիր և ողբա քո արարմունքի համար։ Ժամանակն ամենաբուժիչն է․ կանցնի վեց տարի, իննը տարի և քո վիշտը կմեղմանա»։
 +
 +
Կալերվոյի որդին՝ Կուլլերվոն այսպես պատասխանեց մորը․
 +
 +
«Ո՛չ, չեմ թաքնվի․ թաքնվելով վիշտս չի մեղմանա։ Ես կերթամ մահվան դեմ֊հանդիման։ Ես կերթամ այնտեղ, որտեղ դեռ անպատիժ ապրում ու զվարճանում է Ունտամոն։ Այդ հրեշը կարծում է, թե էլ ոչ ոք իր հախիցը չի կարող գալ․ ես կերթամ հորս ու մորս դժբախտության վրեժը կլուծեմ, կլուծեմ և իմ վրեժը, որ նրա պատճառով այսքան տառապում ու տանջվում եմ այս անիրավ աշխարհում»։
 +
 +
 +
==Ռունա ԼԶ==
 +
 +
Կուլլերվոն թողում է ծնողներին և գնում է Ունտամոյի դեմ կռվելու․ դժբախտ հերոսի տխուր վախճանը
 +
 +
 +
Կալերվոյի որդի՝ կապույտ գուլպաներով Կուլերվոն, պատրաստվեց կռվի գնալ Ունտամոյի դեմ։ Պսպղուն թուրը հեսանեց, նիզակի ծայրն էլ մաքրեց ու սրեց։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
«Իմ սիրելի որդի, մի գնա, կռվի մեջ մի մտնիր։ Լավ իմացիր, ով անտեղի սուր բարձրացնի, նա սրով էլ կմեռնի։ Թե ձիով կռվի գնաս, ձիդ կսպանվի և դու ստիպված շուն կհեծնես, որ տուն վերադառնաս»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Ես չեմ ուզում ինչպես ճիճու ճահիճների ու ավազների մեջ մեռնել։ Իմ կռիվն արդար է։ Ունտամոյի նման չար գազանը դեռ չի պատժված։ Ես կերթամ ու կկռվեմ նրա և նրա քաջերի դեմ։ Լավ է մեռնել պայքարի ժամին, զենքերի փառավոր շառաչի մեջ փառավոր մահ գտնել։ Հերոսին վայել է այդ ձևով մեռնել, այն ժամանակ նա չի ափսոսա, որ աշխարհ է եկել»։
 +
 +
Մայրն ասաց․
 +
 +
«Եթե դու այդ դաժան կռվում զոհվես, հապա ո՞վ պիտի օգնի քո ծերունի հորը, ո՞վ պիտի պահի պառաված մորդ»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Կյանքի օրենքն է, հայրս բարդոցի վրա պիտի մեռնի, մայրս գոմում աշխատելիս հոգին կտա»։
 +
 +
Մայրը կրկին խոսեց․
 +
 +
«Հապա որ դու զոհվես, ո՞վ պիտի օգնի անօգնական մնացած եղբորդ, ո՞վ պիտի քրոջդ պահի, պահպանի ամեն տեսակ փորձանքից»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Կյանքի օրենքն է, եղբայրս այնքան ժամանակ կաշխատի անտառում ու դաշտում մինչև հասնի վերջին օրը, իսկ քույրս էլ տունն ու տեղը կմաքրի և լվացք կանի․ մի օր էլ նա կերթա այն աշխարհը»։
 +
 +
Կուլլերվոն արդեն ուզում էր տանից դուրս գալ․ մոտեցավ հորը և ասաց․
 +
 +
«Մնաս բարով իմ սիրելի հայր․ արդյոք լաց կլինե՞ս, երբ լսես, որ քո որդին մեռել է, քո տոհմից պակասել է մի կտրիճ»։
 +
 +
Հայրը պատասխանեց․
 +
 +
«Երբ լսեմ, որ մեռել ես, լաց չեմ լինի․ ուրիշ որդի կունենամ․ նա քեզնից բանիմաց ու լավը կլինի»։
 +
 +
Տղան այսպես պատասխանեց հորը․
 +
 +
«Ես էլ լաց չեմ լինի, երբ լսեմ, որ դու մեռել ես։ Ես ինձ համար հայր կսարքեմ։ Նրա գլուխը կլինի քարից, բերանը կավից, աչքերը հապալասից, մորուքը ծղնոտից, ոտքերը բարդու ճյուղերից, միսն էլ փտած ծառերից»։
 +
 +
Կուլլերվոն դիմեց եղբորը․
 +
 +
«Մնաս բարով, սիրելի եղբայր, արդյոք լաց կլինե՞ս, երբ լսես, որ եղբայրդ մեռել է»։
 +
 +
Եղբայրը պատասխանեց․
 +
 +
«Երբ լսեմ, որ մեռել ես, լաց չեմ լինի․ ուրիշ եղբայր կճարեմ ինձ համար․ նա քեզնից գեղեցիկը և լավը կլինի»։
 +
 +
Կուլլերվոն պատասխանեց․
 +
 +
«Ես էլ լաց չեմ լինի, երբ լսեմ, որ դու մեռել ես։ Ինձ համար եղբայր կսարքեմ։ Նրա գլուխը կլինի քարից, բերանը կավից, աչքերը հապալասից, մազերը ծղնոտից, ոտքերը բարդու ճյուղերից, միսն էլ փտած ծառերից»։
 +
 +
Տղան հետո դիմեց քրոջը․
 +
 +
«Մնաս բարով, իմ անուշիկ քույրիկ․ արդյոք լաց կլինե՞ս, երբ լսես, որ եղբայրդ մեռել է»։
 +
 +
Քույրն այսպիսի պատասխան տվեց․
 +
 +
«Երբ լսեմ, որ մեռել ես, լաց չեմ լինի, ուրիշ եղբայր կճարեմ ինձ համար․ նա քեզնից բանիմաց և լավը կլինի»։
 +
 +
Կուլլերվոն պատասխանեց․
 +
 +
«Ես էլ լաց չեմ լինի, երբ լսեմ, որ դու մեռել ես։ Ես ինձ համար քույր կսարքեմ։ Նրա գլուխը քարից կլինի, բերանը կավից, աչքերը հապալասից, մազերը չոր խոտից, ճահճի ծաղիկներից ականջները կլինեն, թխկենու փայտրիկներից էլ մարմինը»։
 +
 +
Տղան դարձավ դեպի մայրը․
 +
 +
«Սիրելի, հարազատ մայր իմ, դու ինձ կրել ես քո կրծքի տակ, խնամել, դաստիարակել ես․ արդյոք լաց կլինե՞ս, երբ լսես, որ քո որդին մեռել է, քո տոհմից պակասել է մի կտրիճ»։
 +
 +
Մայրն այսպես պատասխանեց․
 +
 +
«Իմացիր, որ մոր սիրտը միշտ իր որդու համար է տառապում։ Եթե, Աստված ոչ անի, դու մեռնես, մեր տոհմից պակասի քեզ նման կտրիճը, ես այնպես դառը լաց կլինեմ, որ իմ արցունքով կլցվի մեր տունը․ էլ ոչ մի օր արցունքն իմ աչքերից չի պակասի․ լաց կլինեմ դրսում, դաշտում և իմ աղի արցունքներից բույսերը կթառամեն»։
 +
 +
Կուլլերվոն համբուրեց մորը և ճամփա ընկավ։ Թուրը մեջքին, նիզակն ուսին, գետինը թնդացնելով նա անցնում է դաշտերով և անտառներով, ճահիճներով և մարգագետիններով։
 +
 +
Եվ ահա՛, մի օր էլ նրան լուր տվին․
 +
 +
«Հայրդ մեռել է, գնա օգնիր, որ ծերուկին թաղեն»։
 +
 +
Կուլլերվոն այսպես պատասխանեց․
 +
 +
«Դե, որ մեռել է, ես էլ ի՞նչ կարող եմ անել, տանը մի քավթառ ձի կգտնվի, որ մարմինը դնեն վրան և տանեն հողին հանձնեն»։
 +
 +
Կուլլերվոն էլի շարունակեց ճանապարհը․ անցավ այրուտներով․ և ահա՛, մյուս օրը նրան լուր տվին․
 +
 +
«Եղբայրդ մեռել է, գնա օգնիր, որ տանեն թաղեն»։
 +
 +
Կուլլերվոն այսպես պատասխանեց․
 +
 +
«Դե, որ մեռել է, ես էլ ի՞նչ կարող եմ անել, երևի տանը մի հովատակ կգտնվի, որ մարմինը դնեն վրան և տանեն թաղեն»։
 +
 +
Կուլլերվոն էլի շարունակեց ճամփան։ Նրա եղջերափողի ձայնից թնդում էր անտառը։ Եվ ահա՛, նրան կրկին լուր բերին․
 +
 +
«Քույրդ մեռել է, գնա օգնիր, որ տանեն թաղեն»։
 +
 +
Կուլլերվոն այսպես պատասխանեց․
 +
 +
«Դե, որ մեռել է, ես էլ ի՞նչ կարող եմ անել․ մեր տանը մի զամբիկ կճարվի, որ քրոջս մարմինը դնեն նրա մեջքին և տանեն հողին հանձնեն»։
 +
 +
Կուլլերվոն արդեն անցնում էր մարգագետիններով և շուտով հասնելու էր չար Ունտամոյի երկիրը․ նորից նրան լուր տվեին․
 +
 +
«Քո բարի, հոգատար մայրը մեռել է․ հավիտյան փակել է իր աչքերն այդ տանջված պառավը․ գնա՛, օգնիր, որ տանեն հողին հանձնեն նրա տառապած մարմինը»։
 +
 +
Կուլլերվոն այսպես խոսեց․
 +
 +
«Ծանր վիշտ է ինձ համար, որ իմ սիրելի մայրը մեռավ․ շատ եմ ցավում, որ նրա կյանքի վերջին պահին իր մոտը չեմ եղել, գուցե թե մրսում էր՝ ես նրան կտաքացնեի, գուցե թե մի կտոր հաց չուներ ուտելու՝ ես նրա համար հաց կճարեի, որ սովից չմեռնի։
 +
 +
Շատ եմ խնդրում, իմ մոր մարմինը լվացեք ամենաընտիր սապոնով, հագցրեք մետաքսե շապիկ, ծածկեցեք մաքուր քաթանով․ գերեզման տարեք տխուր երգերով և երբ հողին հանձնեք, ողբացեք, որ այդպիսի ազնիվ կին, այդպիսի հոգատար մայր է հեռանում աշխարհից։ Ա՜խ, ես չեմ կարող վերադառնալ, որովհետև դեռ ապրում է մեր ողջ տոհմի դժբախտության պատճառը՝ չար Ունտամոն․ ես պիտի գնամ ու մեր վրեժը լուծեմ»։
 +
 +
Ռազմական փողը փչելով, վերջապես նա հասավ Ունտամոյի երկիրն և այսպիսի խնդիրք արավ․
 +
 +
«Ո՛վ դու բարձրյալդ Ուկկո, դու իմ թրին ու նիզակին այնպիսի զորություն տուր, որ ես մենակս կարողանամ հարյուրավորների դեմ կռվել»։
 +
 +
Այս ասաց, ապա թուրը քաշեց, նիզակը շարժեց․ նրա դեմ կռվի ելավ Ունտամոն իր հարյուրավոր զինվորների հետ։
 +
 +
Քաջ Կուլլերվոն ամբողջ զորքը ջարդեց, Ունտամոյին և իր տոհմը ոչնչացրեց, տունն ու տեղը այրեց, մոխիր դարձրեց։
 +
 +
Կուլլերվոն դարձավ դեպի հորական տունը։ Բայց շա՜տ տխուր էր, քանի որ հորական տնից ոչինչ չէր մնացել․ հարազատների մահից հետո ամեն ինչ քար ու քանդ էր եղել․ նա գնաց չոքեց մոր գերեզմանի մոտ, ողբաց ու ասաց․
 +
 +
«Իմ բարի, անուշիկ մայրիկ, հապա ոչ մի բան չե՞ս թողել քո որդուն։ Ա՜խ, իմ հարազատ մայրն ինձ չի լսում, իմ ձայնն է՛լ նրան չի հասնի»։
 +
 +
Բայց քիչ անց մայրը գերեզմանի խորքից ձայն տվեց․
 +
 +
«Մեր ունեցած֊չունեցածից միայն սև շունն է մնացել։ Վերցրու հետդ հավատարիմ շանը և գնա անտառը, անցիր թավուտները, անտառի վերջում մի դղյակ կա, այդ դղյակում ապրում են անտառի դուստրերը․ նրանք քեզ կխղճան և ուտելիք կտան»։
 +
 +
Կուլլերվոն գտավ շանը և նրա հետ անտառ գնաց, բայց չհասավ ամրոցին․ այնտեղ, այն փոքրիկ պուրակում, ուր մոլորվել էր իր հարազատ քույրը, ահա՛ կանգ առավ։
 +
 +
Տեսավ, որ ծառերն ու ծաղիկները լաց են լինում, ողբում են անմեղ աղջկա կորուստը։ Եվ ո՞նց լաց չլինեն, չէ՞ որ ինքը չիմացավ, թե դա իր հարազատ քույրն է և նրան պատվից զրկեց։
 +
 +
Կուլլերվոն թուրը քաշեց, շարժեց ձեռքում և հարցրեց․ «արդյոք չի՞ ցանկանում մեղավոր մարդու արյունը խմել»։
 +
 +
Թուրն հասկացավ նրա միտքն ու ասաց․
 +
 +
«Այո, մեղավոր մարդու արյունը խմելը շատ ավելի հաճելի է․ չէ՞ որ պատահում է, որ ես խմում եմ անմեղ մարդկանց արյունը»։
 +
 +
Կուլլերվոն թրի դաստակն ամուր խրեց գետնի մեջ։ Շապիկն իր վրայից դեն նետեց և կրծքով ընկավ սուր ծայրին։ Եվ կյանքում լավ օր չտեսած տղան տեղն ու տեղը մեռավ։
 +
 +
Ահա՛, այսպես մեռավ Կալեվի խիզախ այրը, այսպես կյանքից բաժանվեց անբախտ հերոսը։
 +
 +
Ծերունի Վեյնեմեյնենը լսեց, թե ինչ վախճան ունեցավ խիզախ Կուլլերվոն և այսպես խոսեց․
 +
 +
«Ո՜վ դուք գալիք սերունդներ, մի՛ թողեք, որ ձեր երեխաների դաստիարակները լինեն բանականությունից զուրկ տխմար մարդիկ։
 +
 +
Մի՛ թողնեք, որ օտարները ձեր մանկիկների օրորոցին մոտենան։ Նրանք չեն ուզում, որ ձեր երեխաները խելոք և բանիմաց լինեն, իրենց հայրենիքի համար զորավոր այրեր դառնան։ Մանուկ օրերից վատ դաստիարակված երեխան, ինչքան էլ մեծանա, ինչքան էլ մարմնով զորեղանա, հայրենիքին պիտանի, իմաստուն մարդ չի դառնա»։
 +
 +
 +
==Ռունա ԼԷ==
 +
 +
Իլմարինենը ողբում է իր կնոջ կորուստը․ ոսկուց և արծաթից կոփում֊քանդակում է նոր կին
 +
 +
 +
Անքուն գիշերներ էր անցկացնում Իլմարինենը։ Բերանը չէր կարողանում պատառ դնել։ Լալիս էր և ողբում․ չէ՞ որ կորցրել էր իր սիրած կնոջը։ Այլևս չէր կարողանում մուրճը ձեռքն առնել․ մեկ ամիս էր, որ նրա դարբնոցից ծուխ չէր բարձրանում։
 +
 +
Եվ այսպիսի խոսքերով անիծում էր իր չար բախտը։
 +
 +
«Ի՞նչ անեմ, որ ազատվեմ այս ծանր վշտից։ Քնած թե արթուն մտածում եմ ու չգիտեմ, թե ի՞նչը թողնեմ, ինչի՞ց սկսեմ։ Մեկ֊մեկ գիշերները երազումս տեսնում եմ իմ սիրելի կնոջը, ձեռքս երկարում եմ, որ իմ անուշ թռչնակիս բռնեմ, բայց ձեռքս դիպչում է իմ սառ մահճակալին և ես զարթնում եմ ու մինչև լույս տանջվում»։
 +
 +
Երկու֊երեք ամիս այսպես տառապեց հմուտ դարբինը, միշտ հիշելով և ողբալով իր սիրածի կորուստը։
 +
 +
Երբ հասավ չորրորդ ամիսը, նա գնաց՝ ծովի հատակից ոսկի հանեց, ավազների միջից արծաթ հավաքեց և բերեց իր դարբնոցը, որ ոսկուց և արծաթից իր համար նոր կին սարքի։
 +
 +
Երեսուն սայլ փայտ բերեց, քուրայի մեջ ածուխ լցրեց, և հրամայեց իր ծառաներին, որ փուքսն ուժեղ փչեն, որ կրակը թեժանա քուրայում։
 +
 +
Եվ երբ կրակը թեժացավ, Իլմարինենը քուրայի մեջ լցրեց ոսկին ու արծաթը։ Բայց ինչքան էլ կրակը թեժ էր, ինչքան էլ ծառաները նորից փուքսը փչեցին և կրակն ավելի բորբոքեցին, սակայն ոչ ոսկին, ոլ էլ արծաթը չհալվեցին։
 +
 +
Այն ժամանակ Իլմարինենը ինքն սկսեց փուքսը փչել։ Իր զորեղ բազուկներով փչեց մեկ անգամ, երկու անգամ և երբ երրորդ անգամն էլ փչեց՝ ջեռ կրակի միջից դուրս վազեց մի գառնուկ։ Գառնուկի մի կողմը բուրդը ոսկուց էր, մյուս կողմինը արծաթից։
 +
 +
Բոլորն սկսեցին գովել դարբնի վարպետությունը, թե ի՜նչ գեղեցիկ գառնուկ է սարքել։ Բայց ինքն՝ Իլմարինենը գդժգոհ էր։ Եվ այսպես խոսեց նա․
 +
 +
«Այս գառնուկը գայլին է հարկավոր, իսկ ես կուզեի, որ ոսկուց և արծաթից ստեղծվեր իմ սիրելի կինը»։
 +
 +
Նա գառնուկին կրկին նետեց քուրայի մեջ, ավելացրեց ոսկի և արծաթ և հրամայեց ստրուկներին փուքսը փչել։ Մի կողմից ստրուկները փուքսն են փչում, կրակը թեժացնում, մյուս կողմից դարբինը կրակխառնիչով ածուխն է շուռ ու մուռ տալիս, որ ոսկին ու արծաթն իր ուզածով հալվեն և նրանցից ստացվի իր հարսնացուն։
 +
 +
Ստրուկները թեև քափ քրտինքի մեջ մտած աշխատում են, բայց չեն կարողանում շատ թեժացնել կրակը։ Իլմարինենը նորից մոտեցավ փուքսին․ փչեց մեկ անգամ, երկու անգամ և երբ երրորդ անգամն էլ փչեց՝ ջեռ քուրայից դուրս վազեց մի մտրուկ։ Նրա գլուխն արծաթից է, բաշը ոսկուց, սմբակները պղնձից են, մտրուկն աշխույժ թռչկոտում է այս ու այն կողմ։ Բոլորն հիացած են, թե ինչ գեղեցիկ մտրուկ է սարքել դարբինը, բայց դժգոհ է միայն ինքը՝ Իլմարինենը և այսպիսի խոսքեր է ասում։
 +
 +
«Սա միայն գայլին է հարկավոր, իսկ ես կուզեի, որ քուրայից դուրս գար իմ սիրելի կինը»։
 +
 +
Մտրուկն էլ դարբինը նետեց քուրայի մեջ․ այս անգամ ավելի շատ ոսկի և արծաթ ավելացրեց․ հրամայեց ստրուկներին փուքսը փչել, կրակը բորբոքել։
 +
 +
Նորից ստրուկները չկարողացան կրակը բորբոքել այնպես ուժեղ, որ ոսկին ու արծաթը հալվեն֊ձուլվեն։ Այս անգամ էլ դարբինն ինքը մոտեցավ փուքսին և զորեղ բազուկներով փչեց մեկ անգամ, երկու անգամ և երբ երրորդ անգամն էլ փչեց, ասաց մի տեսնեմ, թե ի՞նչ է ստացվել քուրայի մեջ։
 +
 +
Մոտեցավ֊չմոտեցավ՝ քուրայի միջից դուրս եկավ մի չքնաղ աղջիկ։ Գլուխն արծաթից էր, մազերը ոսկուց, բոյն ու բուսը մի հրաշք։ Բոլոր տեսնողները զարմանքից քարացան։
 +
 +
Իլմարինենը շատ ուրախացավ և սկսեց աշխատել ու տքնել, ինչպես ոսկերիչն է տքնում նուրբ քանդակի վրա։ Նա աշխատեց գիշեր ու ցերեկ․ աղջկա թևերը և ոտքերը, բերանն ու շրթունքներն այնպիսի նրբությամբ քանդակեց֊հղկեց, որ տեսնողը կասեր, թե իսկական մսից ու ոսկորից կազմված չքնաղ աղջիկ է։ Եվ դարբինն ինքն իրեն խոսեց․
 +
 +
«Ի՜նչ լավ կլիներ, որ այս չքնաղ աղջիկը շուտով կարողանար խոսել, հոգի և շունչ առներ մարմինը»։
 +
 +
Դարբինը ոսկեղեն֊արծաթեղեն աղջկան տուն բերեց, տարավ դրեց անկողին, գլխի տակը բմբուլե բարձ դրեց, վրան էլ մետաքսյա վերմակ քաշեց։
 +
 +
Ինքն էլ գնաց բաղնիքը, տաք ջրով մի լավ լողացավ֊մաքրվեց, ապա իր անկողինն էլ սարքեց կնոջ կողքը, վրան քաշեց արջի մորթուց կարած տաք վերմակ և պառկեց։
 +
 +
Եվ ինչքան տաքացնում էր արջի մորթուց կարած վերմակը, այնքան սառն էր, երբ դիպչում էր ոսկեղեն֊արծաթեղեն կնոջը։
 +
 +
Եվ դարբինն ինքն իրեն խոսեց․
 +
 +
«Ինչպե՞ս կարող եմ ապրել մի կնոջ հետ, որ ոչ կարող է խոսել, ոչ էլ հոգի ու շունչ կա մեջը։ Ավելի լավ է տանեմ նվեր տամ իմաստուն Վեյնեմեյնենին․ նա կիմանա ինչ անել, որ այս չքնաղ աղջիկն իրեն ընկեր դառնա»։
 +
 +
Մյուս օրը քանդակը տարավ Վեյնեմեյնենի մոտ և այսպես խոսեց․
 +
 +
«Ո՛վ դու ծերուկ Վեյնեմեյնեն, վերցրու, քեզ նվեր եմ տալիս այս չքնաղ աղջկան»։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը մի հայացքով արձանը չափեց ոտից֊գլուխ և այսպես խոսեց․
 +
 +
«Ինչո՞ւ համար ես դու այս ոսկեղեն քանդանկն ինձ մոտ բերել»։
 +
 +
Իլմարինենը պատասխանեց․
 +
 +
«Բերել եմ, որ քեզ համար կյանքի ընկեր լինի այս չքնաղ աղջիկը»։
 +
 +
Այսպես խոսեց ծերուկ Վեյնեմեյնենը․
 +
 +
«Ով դու դարբին, եղբայր իմ սիրելի, ավելի լավ է դու այս արձանը նորից կրակը նետիր և ավելի պիտանի բաներ սարքիր մարդկանց համար։ Կամ էլ թե չէ տար գերմանացի կամ ռուս հարուստներին վաճառիր, որ նրանք զվարճանան սրանով։ Պատիվ չի բերում մեր տոհմին, ինչպես նաև ինձ, ծերուկիս, որ մենք արծաթից և ոսկուց կին ունենանք»։
 +
 +
Եվ ծերուկ Վեյնեմեյնենը, նույն ինքը Սուվանտոլայենը, նոր եկող սերնդին ավանդեց՝ չստրկանալ ոսկու առաջ, արծաթով չհրապուրվել, և այսպես ավարտեց խրատը․
 +
 +
«Ո՛վ դուք իմ սիրելի զավակներ, դուք կյանք մտնող հերոսներ, լավ օրի լինենք, թե վատ օրի, քանի ձեր գլխավերևում փայլում է արևը, զգուշացե՛ք և երբեք ձեր կյանքը չկապենք ոսկեղեն֊արծաթեղեն աղջկա հետ․ Ոսկին էլ, արծաթն էլ պաղ են, ինչպես սառույցը»։
 +
 +
 +
==Ռունա ԼԸ==
 +
 +
Իլմարինենը գնում է Պոխյոլա մեռած կնոջ կրտսեր քրոջ հետ ամուսնանալու նպատակով․ բայց քանի որ քենին չի համաձայնում՝ դարբինը նրան փախցնում է
 +
 +
Իլմարինեն՝ ճարտար դարբինը, տան մի անկյունը նետեց ոսկուց և արծաթից պատրաստած գեղեցկուհին։
 +
 +
Որոշեց կրկին գնալ Պոխյոլա և ամուսնանալ Լոուխիի կրտսեր աղջկա հետ։ Ձին լծեց սահնակին և ճամփա ընկավ։
 +
 +
Մեկ օր գնաց դյուցազնը, երկու օր գնաց, երրորդ օրվա վրա հասավ Պոխյոլա։ Լոուխին հենց բակում դիմավորեց դարբնին և ուզեց անմիջապես իմանալ, թե ինչպե՞ս է ապրում իր աղջիկը․ արդյոք սկեսուրի հետ հա՞շտ է, հո բանի պակասություն չունի։
 +
 +
Իլմարինենը գլուխը կախեց, գլխարկը մի կողմի վրա թեքվեց․ տխուր ձայնով ասաց․
 +
 +
«Էլ մի հարցնիր, ով իմ զոքանչ, թե ոնց է ապրում քո աղջիկը։ Անժամանակ մեռավ նա․ անբախտ աղջկան հողը դրինք․ այն գեղեցիկ մարմինը, ոսկեգույն մազերը գերեզման իջեցրինք։ Այժմ ես եկել եմ, որ դու ինձ կնության տաս քո կրտսեր աղջկան, որ նա գա ու նստի այն նստարանին, որտեղ նստած էր նրա քույրը»։
 +
 +
Լոուխին բարկացավ և ասաց․
 +
 +
«Ես շատ վատ արի, որ իմ աղջկան քեզ կնության տվի․ իմ չքնաղ աղջիկը ջահել֊ջահել մեռավ․ լավ էր նրան գայլի ճանկը գցեի, քան քեզ տայի։ Կրտսեր աղջկանս չե՛մ տա․ ավելի շուտ ես հարազատ աղջկանս աղմկոտ ջրվեժի մեջ կնետեմ, ծովի ձկներին կերակուր կդարձնեմ, քան թե քեզ կնության կտամ, որ գա քո մրոտ ոտն ու գլուխը և կեղտոտ շորերը մաքրի»։
 +
 +
Այս խոսքերից ճարտար դարբնի մազերը բիզ֊բիզ կանգնեցին։ Նա մյուս սենյակը մտավ և դիմեց աղջկան․
 +
 +
«Ով դու չքնաղ աղջիկ, իմ կինը դարձիր, մտիր իմ տունը, նստիր քո քրոջ նստարանին, ինձ համար մեղրահաց թխիր և ընտիր գարեջուր պատրաստիր»։
 +
 +
Հատակին նստած էր մի տղա․ այսպես խոսեց այդ փոքրիկը․
 +
 +
«Կորի՛ր այստեղից, հեռացիր մեր տանից․ արդեն մի անգամ եկար և մեծ վիշտ պատճառեցիր մեզ։ Իսկ դու, իմ սիրելի քույրիկ, չլինի թե դրա խոսքին համոզվես ու մարդի գնաս։
 +
 +
Դրա անուշ խոսքի ետևում թաքնված է գայլային ռեխը, աղվեսային խորամանկությունը և արջի նման կոպիտ մարդը։ Նա կարող է միայն մարդկանց մեջքը ջարդել, նրանց արյունը թափել»։
 +
 +
Իսկ աղջիկն այսպիսի խոսքեր ասաց Իլմարինենին․
 +
 +
«Ես քեզ պես անպիտան մարդու հետ չեմ ամուսնանա։ Դու քո կնոջը, որ իմ հարազատ քույրն էր, մեռցրիր․ կարող ես և ինձ սպանել։ Արժե, որ ինձ նման աղջիկն ավելի լավ ամուսին ունենա, այնպիսի ամուսին, որի հասակն ավելի բարձր լինի, որ ավելի շքեղ սահնակ և ավելի լավ տուն ունենա, և ո՛չ թե մարդի գնալ ածուխի մրի մեջ կորած մի դարբնի»։
 +
 +
Բարկացավ Իլմարինենը, դեմքը խոժոռեց, հասավ բռնեց աղջկան, քաշ տվեց, դուրս հանեց սենյակից, նստեցրեց իր սահնակին և ճամփա ընկավ․ մեկ ձեռքով ձիու սանձն էր բռնել, մյուսով աղջկա մեջքն էր գրկել։
 +
 +
Աղջիկը դառն֊դառն լաց եղավ, ասաց․
 +
 +
«Ա՜խ, ինձ տանում ես դեպի ճահիճները, ուր միայն կնյունն է աճում, այնտեղ ես՝ թռչնակս վշտից կմեռնեմ․․․ ո՜հ, ճարտար դարբին Իլմարինեն, թե որ ինձ բաց չթողնես, ես ոտքերովս այնպես կխփեմ, որ քո սահնակը ջարդ ու փշուր կլինի»։
 +
 +
Իլմարինենը պատասխանեց․
 +
 +
«Իմ սահնակն այնպիսի պինդ երկաթից եմ սարքել, որ քեզ պես գեղեցկուհին իր ոտքերի հարվածով չի կարող ջարդել»։
 +
 +
Աղջիկը, որ գեղեցիկ գոհարներով և ոսկեղեն զուգսով էր զարդարված, զայրույթից մատներն է ցավեցնելու չափ կոտրատում և այսպիսի խոսքեր է ասում։
 +
 +
«Եթե ինձ չազատես, սիգ ձուկ կդառնամ և կսուզվեմ ծովի խորքերը»։
 +
 +
Իսկ դարբինը պատասխանում է․
 +
 +
«Ինձնից չես ազատվի․ ես գայլաձուկ կդառնամ ու կհասնեմ քո ետևիղ»։
 +
 +
Զուգված֊զարդարված աղջիկն աղեկտուր լաց է լինում և այսպիսի խոսքեր է ասում․
 +
 +
«Թե ինձ չազատես, ես եղնիկ կդառնամ, անտառները կփախչեմ, լեռները կմագլցեմ»։
 +
 +
Ճարտար դարբին Իլմարինենն ասաց․
 +
 +
«Ինձնից չես ազատվի, գայլ կդառնամ, քեզ կբռնեմ»։
 +
 +
Ավելի աղիողորմ է լաց ու կոծ անում աղջիկը և ասում է․
 +
 +
«Եթե ինձ չազատես, արտույտ կդառնամ, կթաքնվեմ ամպերում»։
 +
 +
«Ինձնից չես ազատվի, արծիվ կդառնամ, մագիլներիս մեջ կառնեմ»։
 +
 +
Քիչ էլ գնացին, հանկարծ ձին փնչացրեց ու կանգնեց․
 +
 +
Աղջիկը գլուխը սահնակից դուրս հանեց, ձյան վրա ինչ֊որ հետք նկատեց ու հարցրեց․
 +
 +
«Ո՞վ անցավ այս ճամփով»։
 +
 +
Դարբինը պատասխանեց․
 +
 +
«Նապաստակ փախավ այս ճամփով»
 +
 +
Աղջիկն հոգոց հանեց ու ասաց․
 +
 +
«Ավա՜ղ, երանի ես, թշվառս, այդ նապաստակի հետ գնայի, այդ շլդիկի հետ ապրեի, քան թե քեզ նման ամուսնու հետ ճմրթված վերմակի տակ մնայի։ Նապաստակի մազերն ավելի լավն են, բերանն ավելի գեղեցիկ է»։
 +
 +
Ճարտար դարբինը զայրացավ, կծոտեց շրթունքներն ու քշեց ձին։ Քիչ հետո ձին ավելի ուժեղ փռնչաց․
 +
 +
Աղջիկը նորից հետք նկատեց ձյան վրա և ասաց․
 +
 +
«Մի ինչ֊որ կենդանի փախավ այս ճամփով»։
 +
 +
Իլմարինենը պատասխանեց․
 +
 +
«Աղվեսը փախավ այս ճամփով»։
 +
 +
Աղջկա լացն աչքերից չէր կտրում․ ողբալով ասաց․
 +
 +
«Ավա՜ղ, ես ավելի լավ կապրեի, եթե ճամփորդեի աղվեսի սահնակով․ չե՛մ ուզում դարբնի կինը դառնամ․ չե՛մ ուզում նրա հետ մի վերմակի տակ քնեմ։ Աղվեսի մազերն ավելի լավն են, բերանն ավելի գեղեցիկ է»։
 +
 +
Ճարտար դարբնի զայրույթին սահման չկա․ շրթունքներն է կծոտում և քշում ձին։ Քիչ անց ձին ավելի աղմկալից փռնչաց․
 +
 +
Աղջիկը կրկին դուրս նայեց․ էլի ձյան վրա ինչ֊որ կենդանու հետք նկատեց և հարցրեց․
 +
 +
«Ո՞վ անցավ այս տեղով»։
 +
 +
Դարբինը պատասխանեց․
 +
 +
«Գայլը փախավ այս ճամփով»։
 +
 +
Աղջիկն ավելի ծանր հառաչեց․ արցունքներն ավելի վարար հոսեցին, ողբաց և ասաց․
 +
 +
«Ավա՜ղ, ես թշվառս, եթե այդ գայլի հետ գնայի, ավելի լավ կապրեի։ Մի՞թե ապրեմ չսիրածս մարդու հետ, նրա հետ մի ճրմրթված վերմակի տակ գիշերները լուսացնեմ։ Գայլի մազերն ավելի լավն են, նրա բերանն ավելի գեղեցիկ է»։
 +
 +
Իլմարինենը կրակ կտրած մտրակում է ձիուն, քշում է սահնակը և գիշերն հասնում է մի գյուղ։
 +
 +
Հոգնած֊դադրած դարբինը խոր քուն մտավ։ Իսկ չար աղջիկն ուրիշ տղաների հետ ժամանակ անցկացրեց և ծաղր ու ծանակեց քնած ամուսնուն։
 +
 +
Առավոտ շուտ դարբինը զարթնեց, աչքերը խոլորեց, շրթունքները դողդողացին, քանի որ Լոուխիի աղջիկը դարձյալ նույնն էր ասում, չէր ուզում դարբնի հետ ամուսնանալ։
 +
 +
Այս անգամ դարբինը շատ խիստ բարկացավ, ինքն իր հետ խոսեց․
 +
 +
«Արդյոք չերգե՞մ կախարդական երգեր, չար հարսնացուիս դարձնեմ անտառի կամ ծովի գազան։ Բայց թե այդ գազանն անտառ թողնեմ՝ այնտեղի կենդանիները կվախենան, թե ծովը թողնեմ՝ ձկները դես ու դեն կփախչեն․ ավելի լավ է թուրս քաշեմ ու սպանեմ սրան»։
 +
 +
Թուրը հասկացավ դարբնի միտքը, լեզու առավ, խոսեց․
 +
 +
«Ես նրա համար չեմ սարքված, որ թույլ կանանց ոչնչացնեմ, որ թույլ մարդկանց կյանքից զրկեմ»։
 +
 +
Դարբինը թուրը տեղը դրեց և ուժեղ ձայնով սկսեց կախարդական խոսքեր ասել։ Ասաց, ասաց և ահա՛ հարսնացուն դարձավ որոր հավք։ Եվ որոր հավքը թռչկոտում էր ժայռից ժայռ, պտտվում էր ծովի փրփուրների վրա թե լավ թե վատ եղանակներին։
 +
 +
Դարբինը նստեց սահնակ և տխուր տրտում հասավ իր հայրենի աշխարհը․ անցավ հայրենի երկրի մարգագետիններով։ Ճանապարհին նրան հանդիպեց ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը և հարցրեց․
 +
 +
«Եղբայր իմ Իլմարինեն, ինչո՞ւ ես այդպես տխուր, գլխարկդ ինչո՞ւ է թեքված։ Դու Պոխյոլայից վերադարձար, չէ՞։ Պատմի՛ր, ինչպե՞ս են ապրում այնտեղ»։
 +
 +
Պատասխանեց ճարտար դարբինը․
 +
 +
«Եվ ինչո՞ւ Պոխյոլայում լավ չապրեն։ Սամպոն անդադրում աղում է նրանց համար։ Մեկ օր աղում է, որ ժողովուրդը գոհանա, մի օր էլ աղում է վաճառքի համար, երրորդ օրն էլ աղում է խնջույքի համար։ Այո՛, քանի որ Պոխյոլայում կա Սամպո, այնտեղ շատ լավ կապրեն, այնտեղ արտն ու հանդը և ամեն տեսակ բույսերը առատ բարիքներ են տալիս և կտան։ Իսկ Սամպոն միայն մեկ հատ կարելի է սարքել, երկրորդն այլևս չի սարքվի»։
 +
 +
Մտածեց ծերուկ Վեյնեմեյնենը, ասաց․
 +
 +
«Իսկ ի՞նչ եղավ քո հարսնացուն, որտե՞ղ մնաց այն չքնաղ աղջիկը․ ինչո՞ւ ես մենակ վերադարձել»։
 +
 +
Դարբինը պատասխանեց․
 +
 +
«Ես իմ անպետք կնոջը ծովային որոր դարձրի։ Եվ այժմ նա ծովափին՝ ժայռերի վրա թևերն է թափահարում, ճչում է ու կռնչում, անցնող դարձողի ականջն է խլացնում»։
 +
 +
 +
==Ռունա ՌԹ==
 +
 +
Վեյնեմեյնենը և Իլմարինենը մեկնում են Պոխյոլա Սամպոն բերելու
 +
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնեն ասաց․
 +
 +
«Ճարտար դարբին Իլմարինեն, արշավենք դեպի Պոխյոլա և բերենք մեր պսպսղուն կափարիչով հրաշք֊ինքնաղաց Սամպոն, դո՛ւ կառուցեցիր այն, մեր ժողովուրդը պիտի օգտվի նրա բարիքներից»։
 +
 +
Դարբինը պատասխանեց․
 +
 +
«Անհնար է Սամպոն վերցնել այն մռայլ Պոխյոլայից․ հրաշագործ ինքնաղացը Լոուխին փակել է պղնձակուռ անձավի մեջ, սարքել է ամուր պատվանդան և պատվանդանն էլ երեք ոտքերով՝ ամեն մեկը իննը սաժեն, խրել է գետնի մեջ․ մեկ ոտքը խրված է քարանձավի տակը, մյուս ոտքը հասնում է ծովափ, երրորդն էլ ժայռի կողմն է թեքված․ անձավի դուռն էլ իննը կողպեքով կողպել է»։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնեն ասաց․
 +
 +
«Եղբայր իմ Իլմարինեն, գնանք ինձ հետ Պոխյոլա և անպայման մենք կտիրանանք Սամպոյին․ ինչքան էլ հրաշք֊ինքնաղացը ամուր փակված լինի մռայլ անձավում, միևնույն է, մենք կգտնենք ու կբերենք, միայն թե մի մեծ նավ սարքենք, որպեսզի նրա վրա տեղավորենք պսպղուն կափարիչով Սամպոն»։
 +
 +
Իլմարինենը պատասխանեց․
 +
 +
«Ավելի լավ է ցամաքով գնանք․ ծովի ճամփան վտանգավոր է, փոթորիկը կարող է մեր նավը խորտակել, մեզ ծովը թափել և մենք ստիպված մեր թևերը պիտի թիեր դարձնենք, արմունկները ղեկ և լողանք փրփրոտ ալիքների վրա»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Թեև ցամաքով գնալն ավելի անվտանգ է, բայց հեշտ չէ․ թե շատ հեռու է և թե շատ թեքություններ ու բարձրունքներ պիտի անցնենք մինչև տեղ հասնենք։ Իսկ ծովի վրա նավը կսլանա քամու ուժով, ալիքներն էլ առաջ կմղեն և շուտ տեղ կհասնենք․ բայց թե չես ուզում ծովով ճամփորդենք, գնանք ցամաքով, ծովի ափերով։ Միայն թե դու ինձ համար մի պինդ թուր սարքիր, թուր որ կայծեր արձակի, որպեսզի շներին հալածեմ, այն մռայլ մշուշապատ աշխարհում  իմ դեմ կռվի ելնող պախյոլցիներին հաղթեմ»։
 +
 +
Իլմարինենը հրամայեց իր ծառաներին դարբնոցի հնոցը շիկացնել․ երբ հնոցը շիկացավ, ճարտար դարբինն այնտեղ նետեց պողպատ ու երկաթ, ոսկի և արծաթ։ Ստրուկներն ավելի թեժացրին կրակը և մետաղները հալվեցին, հունցվեցին, ոնց որ խմորն է հունցում։
 +
 +
Ւլմարինենը թեքվեց դեպի հնոցը, որ տեսնի, թե մետաղն ինչ ձև է առել, և երբ ոսկյա դաստակը ձևավորվեց, դարբինն հանեց մետաղյա զանգվածը, դրեց զնդանին ու մուրճը ձեռքն առնելով սկսեց կոփել․ քիչ հետո արդեն կայծակնացայտ թուրը պատրաստ էր։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը թրի դաստակից բռնեց, նայեց֊զզնեց վարպետի սարքած զենքն ու ասաց․
 +
 +
«Շատ վարպետորեն, դյուցազնին հարմար թուր է սարքված․ ինձ դուր է այս թուրը»։
 +
 +
Եվ ինչպե՞ս դուր չգար․ ամուր, պողպատյա երկսայր թրի դաստակը ոսկեղեն էր․ թրի վրա այսպիսի զարդեր էին դաճված․ մեջտեղը արև․ մի կողմը լուսին, մյուս կողմն աստղեր, ներքևի մասում վերնջացող ձի էր, վերևում մլավող կատու և հաչող շուն։
 +
 +
Վեյնեմեյնեն ասաց․
 +
 +
«Այս թրով ես կարող եմ ամուր ժայռերը կտրել, մաս֊մաս անել սարերը»։
 +
 +
Ճարտար դարբինն ասաց․
 +
 +
«Իսկ ես անճարս, ինչպե՞ս պաշտպանվեմ, ի՞նչ անեմ, որ ծովի և ցամաքի վրա հանդիպող փորձանքներից ազատվեմ․․․ մի քիչ էլ սպասիր, ծերուկ Վեյնեմեյնեն, որ ես էլ պատրաստվեմ ահեղ կռվին»։
 +
 +
Դարբինը նորից փուքսն ու հնոցը, զնդանն ու մուրճը գործի դրեց․ Իր համար երկաթե վերնաշապիկ սարքեց, մի այնպիսի զգեստ, որ հագնի թե չէ, էլ իրեն չի կարող պատուհասել ո՛չ նետը, ո՛չ նիզակը, ո՛չ էլ սուրը։ Հագավ զգեստները, զենքն ու զրահը կապեց և ասաց․
 +
 +
«Զրահակաիր դյուցազնը անխոցելի է»։
 +
 +
Քիչ հետո Վեյնեմեյնենը և Իլմարինենը գնացին անտառ, գտան երկու ուժեղ արագավազ ձիեր, նստեցին և երբ վարգով մոտեցան ծովափին, հանկարծ ծովի կողմից լսեցին աղաղակ․ ինչ֊որ մեկը ողբում էր։
 +
 +
Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնեն ասաց․
 +
 +
«Այդտեղ երևի մի դժբախտ աղջիկ է լաց լինում, պետք է գնամ տեսնեմ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է ողբում»։
 +
 +
Եվ երբ գնաց ծովափ՝ ի՞նչ տեսնի․ աղջիկ չէր, որ լալիս էր․ դա նավակն էր ողբում։ Ծերունին հարցրեց․
 +
 +
«Ինչո՞ւ ես լալիս, փայտաշեն նավակ, չլինի՞ թե ղեկդ սարքին չէ, լավ թիեր չկա՞ն, որ լողաս ծովում»։
 +
 +
Նավակը պատասխանեց․
 +
 +
«Ես ուզում եմ ծովում լողալ, այնպես ինչպես կպրով պատած մյուս նավակները․ ինչպես աղջիկն է ուզում հորական տանից ամուսնու տունը գնալ։ Երբ կառուցում էին ինձ, ասին․ «Դու ռազմական նավակ պիտի դառնաս, կռիվներին պիտի մասնակցես, գանձեր պիտի բարձեն քեզ վրա, ավար պիտի բերես դու» Ա՜յ, մյուս նավակներն արդեն կռիվ են գնացել և վերադարձել են՝ բեռնված գանձերով ու ավարով։ Իսկ ես եղած նավակների մեջ ամենալավ և ամրակուռն եմ, բայց ընկած եմ ծովափին և չորանում եմ, միայն որդերն են բուն դրել իմ կողերին․ մեկ֊մեկ էլ գորտերն են թռչկոտում շուրջ֊բոլորս․ եթե ես անբան պիտի մնամ, ավելի լավ էր, որ անտառում բուսած կեչի մնայի, որ իմ շուրջը սկյուռներ վխտային և շնիկները վազվզեին»։
 +
 +
Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնեն ասաց․
 +
 +
«Մի՛ լար, դու փայտաշեն նավակ․ շուտով դու հերոսներին քո մեջքի վրա կառնես, ռազմական նավ կդառնաս և թեժ կռիվներին կմասնակցես, միայն թե ասա՛, արդյոք քեզ սաքողը լա՞վ վարպետ է եղել․ կարո՞ղ ես դու ծովը մտնել, եթե ոչ ոք մատով չդիպչի քեզ, ուսովը քեզ դեպի ծովը չհրի»։
 +
 +
Նավը պատասխանեց․
 +
 +
«Ոչ մի նավ էլ ծովը չի մտնի, եթե նրան չհրեն և չջրարկեն»։
 +
 +
Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Եթե քեզ ջրարկենք, կարո՞ղ ես դու առաջ գնալ առանց թիավարելու, առանց ղեկի չե՞ս շեղվի ճամփից, ալիքների մեջ առանց առագաստի չե՞ս կորչի խորտակվի»։
 +
 +
Նավը պատասխանեց․
 +
 +
«Իմ բոլոր ընկերակից նավերին միշտ էլ օգնել են թիավարները, անխափան ղեկը միշտ ուղիղ ճամփա է ցույց տվել, իսկ բարենպաստ քամին էլ առագաստին է ուղղություն տվել։ Ես ինքս էլ ոչնչով պակաս չեմ իմ ընկերակից֊եղբայր նավերից»։
 +
 +
Նորից հարցմունք արավ ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը։
 +
 +
«Ասա՛ ինձ, ով դու ամրակուռ նավ, եթե ես քեզ ջրարկեմ, եթե թիավարներն սկսեն թիավարել, ղեկն էլ ընթացք տա քո վազքին, քամին էլ քո առագաստներին ուղղություն տա, դու ջրի վրա ուղիղ անխափան կլողա՞ս»։
 +
 +
Նավը պատասխանեց․
 +
 +
«Թեկուզ հարյուր մարդ էլ նստի, թեկուզ հազարն էլ նստի ինձ վրա, ես բոլորին էլ տեղ կհասցնեմ, ուղիղ անխափան կերթամ այնտեղ, որտեղ կցանկանան հերոսները»։
 +
 +
Այն ժամանակ Վեյնեմեյնենը և Իլմարինենը ձիերը թողեցին ծովափին, նավը ծովն իջեցրին։ Ծերուկը նավը մտավ թե չէ, սկսեց իր հերոսական երգերը։ Եվ իմաստուն երգասացի երգերը լսելով՝ հավաքվեցին կտրիճները․ ինքը Վեյնեմեյնենը նստեց նավակի վերջում և ղեկն առավ ձեռքը։ Իլմարինենը նստեց նավախելի մոտ։ Նավի մի կողմում նստեցին կտրիճ տղաներ, մյուս կողմում սիրունիկ, զուգված֊զարդարված աղջիկներ, իսկ մեջտեղում տարիքավորները։
 +
 +
Վեյնեմեյնենը թե ղեկն էր պահել ձեռքում և թե շարունակում էր երգել․
 +
 +
«Սլացի՛ր իմ նավ ալիքների վրայով․ սլացի՜ր, ինչպես պղպղջակն է լողում ջրի հոսանքի ուղղությամբ»։
 +
 +
Սկզբում տղաներն էին թիավարում, բայց նավը շատ դանդաղ էր գնում, հետո աղջիկներն սկսեցին թիավարել, էլի նավակը դանդաղ էր առաջ շորժվում։ Սկսեցին տարիքավորները թիավարել, բայց կարծես նավը տեղում կանգնած էր մնացել։
 +
 +
Վերջում Իլմարինենը թիերը ձեռքն առավ և սկսեց թիավարել․ նավն առաջ սլացավ․ լսելի էր միայն ջրերի ճողփյունը և թիակալների աղմուկը։
 +
 +
Եվ այնպես զորեղ սկսեց թիավարել Իլմարինենը, որ նավի կողերն ու նստարանները ճոճվում էին, արոսենուց սարքած թիերն էլ տնքում էին։ Նավացռուկը ձայներ էր արձակում ինչպես կարապը, թիակալներն էլ կռնչում էին, որպես ագռավները։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենն էլ կարմիր ներկված ղեկի մոտ նստած ուղղություն է տալիս նավին։ Երեկոյան դեմ երգասացը մի հրվանդան նկատեց, ապա մի փոքրիկ գյուղ։
 +
 +
Այդ գյուղումն էր ապրում Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին։ Շատ տխուր էր նա․ ո՛չ ուտելու հաց ուներ, ո՛չ էլ ձուկ էր ընկնում ուռկանը։ Նա ջարդված նավակն էր ուզում սարքի գցել, որ մի տեղ գնա, ուտելիք ճարի։
 +
 +
Լեմմինկայնենը շատ լավ լսողություն ուներ, աչքերն էլ արդեն հեռվից֊հեռու ամեն ինչ տեսնում֊ջոկում էին։ Դյուցազնը նայեց դեպի հյուսիս, դեպի արևմուտք, հետո արևակողմը և ահա տեսավ, որ իրենց կղզուն է մոտենում մի նավ։ Զարմացավ Լեմմինկայնենը, երբ մոտից տեսավ նավը․ այդպիսի գեղեցիկ, ամրակուռ նավ նա կյանքում չէր տեսել։ Երբ տեսավ նաև ղեկի մոտ նստած ծերունուն, Լեմմինկայնենը ինչքան ուժ ուներ գոռաց․
 +
 +
«Ո՞ւմ նավն է սա, այս ի՞նչ նավ է, որ ճոճվում է ալիքների վրա»։
 +
 +
Կտրիճ տղաներն ու աղջիկները պատասխանեցին․
 +
 +
«Իսկ դու ո՞վ ես, ինչացո՞ւ ես․ երևի, ո՜վ դյուցազն, աչքերդ լավ չեն տեսնում․ մի՞թե չճանաչեցիր, թե ո՛վ է նստած ղեկի մոտ, ո՛վ է թիավարողը»։
 +
 +
Լեմմինկայնենը մեկ էլ նայեց ու ասաց․
 +
 +
«Ա՛յ հիմա ճանաչեցի․ ղեկի մոտ նստած է ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը, թիավարողն էլ ճարտար դարբին Իլմարինենն է։ Դե՛, հիմա խնդրում եմ ինձ ասեք, ով փառապանծ այրեր, ո՞ւր եք գնում դուք փրփրուն ալիքների վրայով»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Մենք գնում ենք դեպի հյուսիս, մեր նավը լողում է դեպ Պոխյոլա․ գնում ենք, որ մեր հրաշք֊ինքնաղաց Սամպոն գերությունից ազատենք բերենք։ Ես ուզում եմ, որ պսպղուն կափարիչով հրաշք֊ինքնաղացի ստեղծած բարիքը բոլորը վայելեն, որ ամենքի տունը լցվի նրա ստեղծած բարիքներով և մարդիկ երջանիկ ապրեն»։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնեն ասաց․
 +
 +
«Ո՜վ դու ծերուկ Վեյնեմեյնեն, վերցրու ինձ քո նավակը։ Ես երրորդ հերոսը կլինեմ։ Դու գնում ես դժվար գործի, գնում ես, որ Սամպոն բերես։ Թե կռվել հարկ լինի, ես տղամարդավարի կկռվեմ, թևերս էլ, ուսերս էլ ուզածիդ պես զորեղ են»։
 +
 +
Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը սիրով իր նավակն ընդունեց Լեմմինկայնենին, այն քաջ հերոսին, որին շատ նեղություն էր տվել Պոխյոլայի տիրուհին և նա ուզում էր գնալ, փրկել հրաշք֊ինքնաղաց Սամպոն, այն ջադու Լոուխիի ճանկերից և իր վրեժը լուծել այդ երկրի դաժան մարդկանցից, ուր կախարդ տիրուհու բակում ցցերին բարձրացված հարյուրավոր գլուխներ կան և հարյուրներն էլ ճոճվում են կախաղաններից։
 +
 +
Եվ ահա՛ Լեմմինկայնենը վերցրեց մի քանի հատ լավ ռանդած տախտակներ ու նավը մտավ։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյննենն ասաց․
 +
 +
«Իմ նավը լավ, ամրակուռ տախտակներից և գերաններից է պատրաստված։ Ինչո՞ւ համար ես բերել այդ տախտակները»։
 +
 +
Լեմմինկայնենը պատասխանեց․
 +
 +
«Ինչքան էլ նավը լավ պատրաստված լինի, ինչքան էլ զգույշ լինես, Պոխյոլայի ծովում ուժեղ մրրիկները հաճախ նավի տախտակներն են պոկում, գերանները ջարդ ու փշուր անում»։
 +
 +
Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Այ, հենց այդ էլ ի նկատի ունենալով, մեր ռազմական նավի բոլոր հանգույցներն ամրացրել ենք երկաթով ու պողպատով, որպեսզի քամիները մեր նավին չվնասեն, փոթորիկները նավը ջարդ ու փշուր չանեն»։
 +
 +
 +
==Ռունա Խ==
 +
 +
Վեյնեմեյնենը գայլաձկան ծնոտից սարքում է բազմալար երաժշտական գործիք՝ Կանտելե
 +
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը նավի ղեկը շուռ տվեց և հեռացավ հրվանդանի մոտ գտնվող փոքրիկ֊աղքատիկ գյուղից․ փրփրոտ ալիքների վրայով երգասացը նավը վարում էր դեպի առաջ և ուրախ երգերով մխիթարում֊ոգևորում էր նավի վրա գտնվող բոլոր ռազմիկներին։
 +
 +
Ծովափին մի քանի աղջիկներ կային, ձայն տվին․
 +
 +
«Այս ինչ անուշ երգեր են լսվում այդ նավից․ այդպիսի երգեր մենք երբեք չենք լսել»։
 +
 +
Նավը մի օր գնաց, երկու օր գնաց և երրորդ օրն հասավ ծովային մի անդունդի, ուր ուժեղ ջրապտույտներից նավերը խորտակվում էին։ Այն ժամանակ Լեմմինկայնենը, որ առաջներն անցել էր այդպիսի տեղերով, գիտեր թե ինչ երգեր են երգել ահարկու ջրապտույտին, սահանքին մոտենալիս, այսպես խոսեց․
 +
 +
«Ով դու սահանք, այդպես մի փրփրակալիր և մի աղմկիր։ Ծովի դուստր, դու բարձրացիր, նստիր ցցված ժայռերի վրա․ քո կրծքով և ձեռքերով սանձահարիր կատաղած ալիքները և թույլ մի տա, որ նրանք մեզ վնասեն։
 +
 +
Ով դու փրփուրների մեջ ապրող պառավ, բարձրացիր ալիքների վրա, մի թողնիր, որ նրանք մոլեգնեն, որպեսզի անմեղ մարդիկ չընկնեն ծովի խորխորատը։
 +
 +
Դուք, ծովի միջում ցցված ժայռեր, ձեր գլուխները խոնարհեցեք, որ մեր նավն անվնաս անցնի ալիքների վրայով։
 +
 +
Եթե այս բոլորը քիչ է, որ Կամմոյի որդի Կիվի֊Կիմմո, դու ծովի հատակի ժայռերը գայլիկոնով փորփրիր, մեծ անցքեր բաց, որ ալիքների սաստկությունը մեղմանա և մեր նավն անվնաս անցնի այս տեղանքով։
 +
 +
Ով սահանքների տիրակալ Մելաթար, դու վտանգավոր ջրապտույտների վրայով վուշից հյուսած պարաններ կապիր, որ մեր նավն անվնաս անցնի այդ պարանների վրայով․ այնպես արա, որ նույնիսկ անփորձ թիավարողն էլ նավակն անցկացնի ջրապտույտներով։
 +
 +
Եթե այս բոլորը քիչ է, ով դու երկնքի ու երկրի տեր բարձրյալդ Ուկկո, զսպիր ալիքները, հատակից դուրս ցցված ժայռերը մամուռ դարձրու, սանձահարի սահանքի որոգայթները, որ մեր նավն անվտանգ անցնի»։
 +
 +
Եվ Ուկկոն կատարեց հերոսի խնդիրը․ Վեյնեմեյնենը նավն առաջ մղեց․ նավն անցավ բոլոր խոչ ու խութերի, սահանքների և փրփրադեզ ալիքների վրայով և առաջ սուրաց։ Բայց քիչ անց հանկարծ նավը կանգնեց․ ինչքան թիավարում էին, էլ տեղից չէր շարժվում՝ ո՛չ առաջ, ո՛չ ետ։
 +
 +
Ճարտար դարբին Իլմարինենը, նրա հետ նաև ուրախ Լեմմինկայնենը նորից ու նորից թիերը գործի դրին, բայց նավն անշարժ էր իր տեղում։
 +
 +
Այն ժամանակ ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը ասաց․
 +
 +
«Դու, ուրախ Լեմմինկայնեն, թեքվիր ու նայիր, ինչո՞ւ է մեր նավը տեղում անշարժ կանգնել, գուցե թե ծովի հատակի մամուռներն են փաթաթվել կամ թե քարի է դեմ առել»։
 +
 +
Լեմմինկայնենը թեքվեց․ զուլալ ջրերի միջից մի լավ զննեց նավի տակն ու շուռ գալով ասաց․
 +
 +
«Մեր նավը ոչ քարի է դեմ առել, ոչ էլ մամուռներ են փաթաթվել նրան։ Նավը նստել է գայլաձկան մեջքին, ծովային այդ շան թիկունքին»։
 +
 +
Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Ծովում փորձանքն անպակաս է․ դե, որ նստել ենք գայլաձկան մեջքին, քաշիր թուրդ և սպանիր ծովային այդ շանը»։
 +
 +
Ուրախ կտրիճ Լեմմինկայնենը քաշեց թուրը և այնպես ամուր խփեց ալիքներին, որ զորեղ թափից ինքն էլ ընկավ ալիքների մեջ։
 +
 +
Իլմարինենն անմիջապես բռնեց նրա գլխի մազերից, ջրից հանեց, բերեց նավն ու ասաց․
 +
 +
«Հարյուրավոր մարդիկ հասակն առել են, բեխ էլ ունեն, մորուք էլ, բայց հո բոլորն էլ հերոս չեն դառնա»։
 +
 +
Իլմարինենը քաշեց թուրը և թափով զարկեց։ Թափն այնքան ուժեղ էր, որ սուրը ջարդվեց՝ երկու կտոր եղավ, բայց գայլաձկան թեփուկներին անգամ չդիպավ։
 +
 +
Բարկացավ ծերունի Վեյնեմեյնենը և ասաց․
 +
 +
«Դուք հասուն տղամարդիկ եք, բայց մի երեխայի չափ խելք չունեք․ հապա վայե՞լ է հերոսին այսպես անշնորհք գործել»։
 +
 +
Ծերուկ երգասացը քաշեց իր թուրը և զորեղ բազուկներով այնպես ամուր և անվրեպ զարկեց, որ թուրը խրվեց գայլաձկան մարմնի մեջ․ հետո արդեն թուրը որսով հանդերձ բարձրացրեց և գայլաձուկը նետեց նավի հատակին։ Մինչ նավն առաջ էր ընթանում դեպի Պոխյոլա, նավի վրա գտնվող տղաներն ու աղջիկներն ահագին ձուկը կտրտեցին, գլուխը բաժանեցին մարմնից և մի լավ ճաշ պատրաստեցին։
 +
 +
Ճաշից հետո գայլաձկան գլխի ու մարմնի ոսկորները մի ահագին կույտ կազմեցին։ Վեյնեմեյնենը նայեց ոսկորներին և այսպես խոսեց․
 +
 +
«Ասա՛ ինձ, ճարտար դարբին Իլմարինեն, եթե այս գայլաձկան ահռելի ժանիքները և ծնոտը նետենք քո դարբնոցի հնոցի մեջ, ուր դու այնքան հրաշալի բաներ ես կոփում, ի՞նչ կստացվի դրանցից»։
 +
 +
Իլմարինենը պատասխանեց․
 +
 +
«Ոչինչ չի ստացվի այդ ձկան ոսկորներից․ նույնիսկ ամենահմուտ վարպետը դրանցից ոչինչ չի կարող ստեղծել․ ավելի լավ է ծովը նետիր, թող կորչի գնա»։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը ասաց․
 +
 +
«Այս ոսկորներից կարելի է շատ լավ երաժշտական գործիք՝ բազմալար Կանտելե սարքել և նրբին նվագով ու երգերով մարդկանց ուրախացնել»։
 +
 +
Եվ ինքը, ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը, սկսեց սարքել Կանտելեն։ Գայլաձկան ծնոտը, ոսկորները տաշեց նրբացրեց, իրար հարմարեցրեց, Հիյսիի ձիու մազերից լարեր սարքեց՝ քաշեց գործիքի ատամների վրա և ահա՛, պատրաստ էր բազմալար Կանտելեն։
 +
 +
Բայց ո՞վ պիտի նվագի գործիքի վրա։ Ծովափ էին հասել, այնտեղ հավաքվել էին շատ ծերեր և ջահելներ՝ տղա ու աղջիկ։ Եվ ահա, նրանք փորձեցին նվագել, բայց միայն տնկտնկոց էր լսվում և տհաճ աղմուկ։
 +
 +
Լեմմինկայնեն ասաց․
 +
 +
«Դուք անխելք տղաներ և անբան աղջիկներ, դուք չգիտեք նվագել, չեք կարող այս սիրուն գործիքից անուշ երգեր կորզել․ տվեք դնեմ ծնկներիս վրա և տեսե՛ք, թե տասն մատներս լարերին խփելով, ինչպիսի քաղցր նվագով ձեզ կզարմացնեմ»։
 +
 +
Լեմմինկայնենը սկսեց մատներով խփել լարերին՝ բան դուրս չեկավ, Կանտելեն այս ու այն կողմ շուռ տվեց, նորից մատներով խփեց մեկ այս լարին, մեկ մյուսին, բայց բացի տհաճ աղմուկից ոչինչ չստացվեց։
 +
 +
Մի կույր մարդ, երբ լսեց այդ աղմուկն ասաց․
 +
 +
«Դադարեցրեք այդ անպիտան աղմուկը։ Մարդու ականջները կարող են խլանալ նման ղռվռոցից։ Քանի որ այդ գործիքի վրա անհնար է մի լավ երգ նվագել, ավելի լավ է ծովը նետեցեք, թող կորչի անդունդների մեջ»։
 +
 +
Նույն րոպեին լարերը ձայն տվին և Կանտելեն խոսեց․
 +
 +
«Չե՛մ ուզում կորչել ծովի անդունդներում․ ինձ հանձնեցեք վարպետ երգչին և նրա հմուտ ձեռքերը, որ ստեղծեցին ինձ՝ այդ նույն հմուտ ձեռքերն ու մատները, երբ շարժվեն իմ լարերի վրա՝ դուք շատ դուրեկան, հոգեզմայլ նվագներ կլսեք»։
 +
 +
Եվ հանդիսավորապես Կանտելեն դրին հավերժական երգասացի ծնկներին․ այն մարդու, որ մեծ վարպետությամբ սարքեց բազմալար գործիքը։
 +
 +
 +
==Ռունա ԽԱ==
 +
 +
Վեյնեմեյնենը նվագում է․ Կանտելեի նվագն այնքան հուզիչ է, վարպետի երգն այնքան զմայլելի, որ լսողների աչքերից արցունք է հոսում։ Արցունք է հոսում նաև Վեյնմեյնենի աչքերից․ նրա արցունքները գլորվում, ընկնում են ծովի հատակը և մարգարիտներ դառնում
 +
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը ելավ ծովափին փռված ընդարձակ մարգագետինը, որ անտառին կից էր, բարձրացավ բլուրը, նստեց մի քարի վրա և Կանտելեն ձեռքն առավ ու իր վարժ մատներով սկսեց նվագել։
 +
 +
«Եկե՛ք, բոլորդ եկե՛ք ու լսեցեք այս հավերժական ռուները, որ ես պիտի երգեմ Կանտելեի նվագի ներդաշնակությամբ»։
 +
 +
Եվ ձկան ոսկորներից սարքված բազմալար գործիքի վրա սահեցին հավերժական երգչի մատները․ անմահական նվագի անուշ գեղգեղանքը փռվեց֊տարածվեց չորս կողմի վրա։
 +
 +
Դեռ երբեք Կալեվալայում այդպիսի դուրեկան երգեր չէին լսվել։
 +
 +
Եվ ահա անտառի բոլոր կենդանիները, բոլորն ովքեր չորս թաթ ունեին, որը վազքով, որը ցատկոտելով շտապեցին հասնել այնտեղ, որտեղից լսվում էր թովիչ երգի ձայնը։
 +
 +
Ճյուղերից ճյուղ էր թռչկոտում սկյուռը, որ ավելի մոտից լսի երգչին։
 +
 +
Անտառի խորքից վազքով եկավ եղջերուն։
 +
 +
Գալյն իր որջում զարթնեց երգի ձայնից և վազեց դեպի բլուրը, որ լավ լսի հզոր երգասացին։
 +
 +
Անտառի թավուտներից, խիտ եղևնիների ու կեչիների արանքից դուրս վազեց արջը, ինչ արգելք կար առաջին, ցատկեց անցավ նրանց վրայով, բայց տեղ հասավ ամենքից վերջը․ հասավ թե չէ ճանկերն իրան հավաքեց, բերանը փակեց, որ սուր ատամները չերևան և սւոս ու փուս սկսեց ականջ դնել երգչին։
 +
 +
Անտառի խորքից դուրս եկավ նաև անտառի տիրուհին։ Զուգվել֊զարդարվել էր մայրը, ինչպես նաև իր սիրունիկ աղջիկները, ականջներին ոսկե օղեր էին կախել, կապույտ գոլպաներ էին հագել և կարմիր ժապավեններ կապել։ Եկան նաև անտառի տիրուհու որդիները։ Եկան հզոր երգչի մոտ և զմայլված լսում էին նրա անմահական երգերը։
 +
 +
Օդում թռչող բոլոր թևավորները թռան եկան, նստեցին ծառի ճյուղերին և լսո՛ւմ֊լսո՛ւմ էին երգչին։
 +
 +
Հզոր արծիվն իր իսկ ձագերին թողեց բնում և ինքը թռավ հասավ ու նստեց կեչու ծառին․ նրա հետ տեղ հասավ նաև բազեն․ նա էլ նստեց եղևնու ծառին և բոլորն հայիլ֊մայիլ եղած լսում էին Կալեվալայի երգասացին։
 +
 +
Նույնիսկ փոքրիկ սարեկները, տարինոսները, արտույտները, որ այնքան զմայլելի գեղգեղում էին՝ հարույրներով, հազարներով եկան ու ծառերի ճյուղերին թառած հմայված լսում էին անուշ երգն ու նվագը։
 +
 +
Բադերն էլ գետերի վրա լողալով տեղ հասան և մյուս թևավորների հետ սկսեցին լսել ծերունուն։
 +
 +
Լուսնի և արևի դուստրերը, որոնք ոսկյա֊մետաքսյա թել էին մանում, հենց որ երգի ձայնը լսեցին, թեշիկը ձեռքներից վայր ընկավ, ոսկյա թելը կտրվեց։ Ամեն ինչ թողին նրանք, հասան այն բլուրը և կանգնեցին ծառի տակ ու զարմացած֊հիացած լսում էին զմայելելի երգերը։
 +
 +
Ջրում լողացած ոչ մի արարած չմնաց, որ լողալով չհասներ ծովափ և չունկնդրեր Վեյնեմեյնենի երգն ու նվագը։
 +
 +
Գայլաձուկը, սիգը, լոստին և բոլոր տեսակի մեծ ու փոքր ձկները, ծովի ամենախոր տեղում լսեցին երգի ձայնը և շտապեցին ավելի մոտից ունկնդրելու հզոր երգչին։
 +
 +
Ծովի տիրակալ Ախտոն, սահանքների, ջրապտույտների վրա իշխող ծովաբնակը նույնպես իր զավակներով եկավ ու երբ լսեց երգչին, ասաց․
 +
 +
«Կյանքումս առաջին անգամն է, որ լսում եմ այսպիսի սքանչելի նվագ և այսպիսի դուրեկան, իմաստուն երգեր»։
 +
 +
Վերջապես ծովի տիրուհին բարձրացավ ծովի անդունդներից, զգուշորեն նստեց մի հրվանդանի վրա, ուսերից ետ տվեց ծովախոտերը և սկսեց լսել ծերուկ երգասացին․ այնքան տարվեց երգի հմայքով, որ աչքերը փակեց և երազների մի նոր աշխարհ պատկերացավ նրան․
 +
 +
Եվ ով լսում էր Վեյնեմեյնենի երգն, ավելի էր զորանում նրա եռանդը, բուռն էր դառնում ապրելու տենչը։ Չէ՞ որ այդ դյութիչ երգերն ունկնդրում էին երկնի, երկրի և ծովի արարածները․ բոլո՜րը, բոլո՜րը, ովքեր կյանք էին տենչում։
 +
 +
Եվ այսպես ծերուկ, իմաստուն Վեյնեմեյնենը երգեց մեկ օր, երկու օր, երգեց արևի ճառագայթների ներքո, լուսնի և աստղերի շողերի տակ։ Չմնաց ո՛չ մեկ հերոս, ո՛չ մեկ քաջ այր, չմնաց ո՛չ մեկ տիկին, թե փարթամ հյուսքերով աղջիկ, որի սիրտը չհուզվի և լաց չլինի այդ հոգեզմայլ երգերից։
 +
 +
Լալիս էին ջահելները և ծերերը, ազապները և ամուսնացածները, լալիս էին նորահարսերը և դեռահաս աղջիկները․ այնքա՜ն հրաշալի, այնքա՜ն կախարդիչ էին չքնաղ երգի ու նվագի հնչյունները։
 +
 +
Լաց էր լինում նաև ծերունի Վեյնեմեյնենը։ Վարար հոսում էին արցունքները և կաթիլները սահում էին նրա դեմքի վրայով ու այդ կաթիլները, որոնք հապալասի պտուղի չափ էին, ծիծեռնակի ձվից էլ մեծ՝ գլոր֊գլոր ընկնում էին այտերի վրա, հետո մորուքի վրայից գլորվելով ընկնում էին կրծքին, ապա ծնկներին, այնտեղից էլ սահելով֊գլորվելով ընկնում էին ոտքին, ապա ծովափի ավազներին։ Ծովի ալիքները հորձանք տալով խփեցին ափերին և այդ կաթիլները, որ թափվեցին հզոր երգչի աչքերից՝ տարան ծովի հատակը։
 +
 +
Իմաստուն Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Արդյոք այս ջահելների մեջ, այս կայտառ տղաների շարքերում, չկա՞ այնպիսի մեկը, որ կարողանա ծովի հատակից հանել այդ արցունքի կաթիլները»։
 +
 +
Ջահելները, նրանց հետ միասին նաև ծերերը, պատասխանեցին․
 +
 +
«Ո՛չ, մեր մեջ չկա այնպիսի մեկը, որ կարողանա ծովի հատակից հանել արցունքի կաթիլները»։
 +
 +
Այն ժամանակ ծերուկ Վեյնեմեյնենը դիմեց ագռավին․
 +
 +
«Այ դու սևուկ ագռավ, ծովի հատակից բեր իմ արցունքի կաթիլները, և ես դրա փոխարեն քեզ կտամ գույնզգույն փետուրներ»։
 +
 +
Բայց ագռավը չկարողացավ կատարել ծերուկի խնդիրը։
 +
 +
Այն ժամանակ ծերուկը դիմեց կապույտ փետուրներով բադին․
 +
 +
«Ով կապտափետուր բադիկ, դու հաճախ ես սուզվում ջրի մեջ մինչև հատակը, այս անգամ էլ իջիր և հատակից հավաքիր բեր իմ արցունքի կաթիլները։ Դրա փոխարեն ես քեզ կտամ փայլփլուն փետուրներ»։
 +
 +
Բադիկը սուզվեց ծովի հատակը և անդունդներից հավաքեց֊բերեց արցունքի կաթիլներն ու դրեց հավերժական երգչի ափի մեջ։ Արցունքի կաթիլները մարգարիտներ էին դարձել՝ հապալասի պտուղի չափ, ծիծեռնակի ձվից էլ մեծ և կարող էին զարդարել արքայական թագերը, փայլփլել կանանց պարանոցին։
 +
 +
Իսկ բադիկն այն օրից ունեցավ փայլփլուն փետուրներ, կարծես հյուսված ծիածանի յոթը գույներից։
 +
 +
 +
==Ռունա ԽԲ==
 +
 +
Կալեվալայի դյուցազունները մեծ դժվարությամբ նավն են բերում հրաշք֊ինքնաղաց Սամպոն
 +
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը, ճարտար դարբին Իլմարինենը և Լեմմինկայնենը, նույն ինքը կտրիճ Կաուկոմեյլին, նավարկեցին ցերեկ և գիշեր հանդարտ ծովի վրայով դեպի Պոխյոլան, ուր հերոսներին ծովն են նետում և կտրիճներին ոչնչացնում են։
 +
 +
Առաջին թիավարը Իլմարինենն էր և երկրորդ թիավարը ուրախ Լեմմինկայնենը։ Վեյնեմեյնենն էլ շարունակ ղեկի մոտ էր և հմուտ ձեռքերով ուղղություն էր տալիս նավին։ Անցան փրփրուն ալիքների վրայով և վերջապես հասան Պոխյոլայի ծովափը։ Ձյութած, կարած նավը հանեցին ծովափ և իրենք գնացին տանտիրուհու մոտ։
 +
 +
Պառավ Լոուխին հարցրեց․
 +
 +
«Ի՞նչ կասեք, հերոսներ, ի՞նչն է ձեր գալու նպատակը»։
 +
 +
«Մենք եկել ենք պսպղուն կափարիչով Սամպոյի համար․ մենք ուզում ենք, որ հրաշք֊ինքնաղացի բարիքներից մեր արդար բաժինն ստանանք»։
 +
 +
Լոուխին այսպես խոսեց․
 +
 +
«Սկյուռի մորթին երեք կես չեն անում, ոչ էլ կաքավն են երեք մարդու մեջ բաժանում։ Պսպղուն կափարիչով ինքնաղաց Սամպոն այստեղ շատ լավ է աշխատում․ նա պղնձակուռ անձավումն է, և ես եմ նրա միա՛կ տերն ու տիրակալը»։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Եթե դու չես ուզում մեր արդար բաժինը հոժար կամքով տալ, ապա մենք ամբողջ Սամպոն զոռով կվերցնենք և կտանենք մեր նավը»։
 +
 +
Այստեղ Պոխյոլայի տիրուհին շատ զայրացավ, գնաց ու հավաքեց իր մարդկանց․ որն եկավ թրով, որը նիզակով, որը նետով ու աղեղով, որն էլ ձեռքն ընկած զենքով, որպեսզի Վեյնեմեյնենին և իր մարդկանց ոչնչացնեն։
 +
 +
Բայց ծերուկ Վեյնեմեյնենը չվախեցավ․ նա անմիջապես Կանտելեն ձեռքն առավ և սկսեց երգել։ Զմայլելի էր նրա երգը․ հայիլ֊մայիլ եղած լսում էին տղամարդիկ ու կանայք, ծերերն ու երեխաները։ Եվ թովիչ երգի ազդեցության տակ տղամարդիկ ուրախացան, կանանց դեմքին ժպիտն էր փայլում։ Շատերը լաց եղան։
 +
 +
Այն ժամանակ ծերուկը պայուսակից հանեց քնաբեր նետեր և արձակեց պոխյոլցիների վրա։ Բոլոր զինված կտրիճները կողքի ընկան և աչքերը փակեցին, գյուղի բոլոր տղամարդիկ, մեծը թե փոքրը, խորը քուն մտան։
 +
 +
Վեյնեմեյնենն իր մարդկանցով գնաց պղնձակուռ անձավը, ուր պատվանդանի վրա դրված֊ամրացված էր պսպղուն կափարիչով Սամպոն։ Պատվանդանն ուներ երեք ոտք՝ ամեն մեկ ոտքի երկարությունը իննը սաժեն էր և տարբեր ուղղություններով խրված էր գետնի մեջ։ Քարանձավի պողպատակուռ դուռն էլ տասը սողնակով և իննը կողպեքով կողպված։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը մեղմ ձայնով երգեց պղնձակուռ անձավի մոտ և նրա երգի ազդեցությամբ ամուր դռների օղակներն ու սողնակները թուլացան։
 +
 +
Ճարտար դարբին Իլմարինենն էլ գործի անցավ, ձեթ քսեց դռան սողնակներին, ապա կողպեքներին, որ առանց ճռնչալու հեշտ բացվեն․ ձեռքով ետ հրեց սողնակները և քիչ հետո Կալեվալայի հերոսների առաջ բացվեցին անձավի դարբասի կողպեքները, կրնկի վրա շուռ եկան դռները։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Ով դու ուրախ Լեմմինկայնեն, իմ հավատարիմ բարեկամ, մտիր անձավը և այնտեղից դուրս բեր պսպղուն կափարիչով հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենը, որ ամեն դժվար գործի պատրաստ էր, իսկույն առաջ անցավ և ասաց․
 +
 +
«Բարձրյալ Ուկկոն ինձ այնպիսի դյուցազնական ուժ է տվել, որ ես միայն աջ ոտքիս կրունկով տեղահան կանեմ Սամպոն ու կտանեմ»։
 +
 +
Եվ մոտեցավ, որ վերցնի Սամպոն․ չէ՛, տեսավ շատ դժվար է տեղից շարժել։ Ծնկեց գետնին, երկու ձեռքով գրկեց Սամպոն, բայց հրաշք֊ինքնաղացը պինդ կպած էր պատվանդանին։ Չէ՞ որ պսպղուն կափարիչով Սամպոն երեք ոտքերով, ամեն մեկն իննը սաժեն, խրված էր գետնի մեջ։
 +
 +
Գնացին գտան մի հսկա ուժեղ ցուլ․ նրա ամեն կոտոշը մեկ սաժենից ավելի երկար էր․ ռեխը մեկ ու կես սաժեն։ Ցուլը լծեցին գութանին և այդ գութանով Սամպոյի պատվանդանի հիմքը փորեցին և հրաշք֊ինքնաղացը տեղից շարժեցին։ Երեք դյուցազունները՝ ինքը իմաստուն Վեյնեմեյնենը, ճարտար դարբին Իլմարինենը և այն մեծազոր դյուցազն Լեմմինկայնենը, պղնձակուռ անձավից վերցրին պսպղուն կափարիչով Սամպոն և տարան֊դրին նավը։ Դյուցազունները նավը դեպի ծովը հրեցին, սկսեցին նավարկել։
 +
 +
Այստեղ Իլմարինենը հարցրեց․
 +
 +
«Որտե՞ղ պիտի տանենք Սամպոն, որտե՞ղ պահենք պսպղուն կափարիչով հրաշք֊ինքնաղացը, որ ջադու պառավ Լոուխին չիմանա, նրա չար աչքից հեռու լինի մեր Սամպոն»։
 +
 +
Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Սամպոն կտանենք այն հեռավոր կանաչ կղզին և չար աչքից հեռու կպահենք։ Այնտեղ միշտ խաղաղ է եղել, թշնամին այդ կղզին ոտք չի դրել և թուրն ու նիզակը չի վրդովել այնտեղի բնակիչների հանգիստը»։
 +
 +
Վեյնեմեյնենը շատ ուրախ է, որ ջադու Լոուխիից ազատել է սամպոն․ նա ոգևորում է կտրիճներին․
 +
 +
«Հապա արագ հեռանանք դաժան Պոխյոլայից․ շտապե՛նք մեր սիրելի հայրենի աշխարհը․ բարենպաստ քամի, դու օգնիր, որ նավն ավելի արագ շարժվի, թիերին ուժ տուր, որ նավն հեշտությամբ անցնի կապույտ ծովի ջրերի վրայով»։
 +
 +
Լեմմինկայնենը, որ Իլմարինենի հետ թիավարում էր, ասաց․
 +
 +
«Ինչքան էլ թիավարել եմ, միշտ նավի մեջ նստածներից մեկը երգել է․ այսօր լուռ է և երգի ձայնը չի լսվում, չի տարածվում ալիքների վրա»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Հիմա երգելու ժամանակ չէ։ Ուշքդ ու միտքդ կտաս երգին և կմոռանաս, որ ձեռքիդ թիեր կան։ Իսկ եթե թիերը լավ չբանեցնես, ճափից կշեղվես և փորձանքի կհանդիպես»։
 +
 +
Ուրախ Լեմմինկայնենը ասաց․
 +
 +
«Միևնույն է, այս գեղեցիկ ցերեկը կանցնի, վրա կհասնի մութ գիշերը, կուզես երգիր, կուզես լուռ մնա, ուր ով է խավարը կիջնի ծովի վրա»։
 +
 +
Նավը շարունակեց սահել կապույտ ծովի վրայով․ անցավ մեկ օր, երկու օր և ահա՛, Լեմմինկայնենը նորից դիմեց Վեյնեմեյնենին․
 +
 +
«Ինչո՞ւ դու, ծերուկ երգասաց, չես երգում․ չէ՞որ տիրացել ես Սամպոյին, հրաշք֊ինքնաղացը հայրենիք ես տանում»։
 +
 +
Այսպես պատասխանեց երգիչը․
 +
 +
«Դեռ շուտ է խրախճանք սկսել․ այն ժամանակ միայն պիտի զվարճանանք, երբ հայրենի տուն հասնենք, երբ Սամպոն գործի գցենք»։
 +
 +
Լեմմինկայնենը, այն ջահել դյուցազնը ասաց․
 +
 +
«Եթե ես քեզ պես նավի ղեկի մոտ նստած լինեի, ամբողջ ձայնովս կերգեի, բայց քանի որ դու չես ուզում երգել, թեև իմ ձայնը քո ձայնի պես դուրեկան չէ, բայց պիտի երգեմ»։
 +
 +
Եվ այդ ուրախ տղան սկսեց երգել․ նրա երգը ոչ թե երգի էր նման, այլ գոռգոռոցի։
 +
 +
Երգի ձայնը հասավ ծովափ, նրանից էլ դենը, անցավ սար ու ձոր, հասավ ուրիշ ծովեր։ Այդ ձայնի վրա կռունկը վախեցած, թևերը թափ տվեց և թռավ հասավ Պոխյոլա ու նրա տիրուհուն զարթնեցրեց։ Լոուխին աչքերը բացեց և ի՞նչ տեսնի․ չէ՛, ամեն ինչ, կովերն ու աչառները տեղումն են, ցորենից ոչ մի հատիկ չի պակասել։ Նա շտապ գնաց պղնձակուռ անձավը և սկսեց գլխին վայ տալ ու ճչալ․
 +
 +
«Վա՜յ, վա՜յ, ինձ, թշվառիս, այստեղ օտարներն են մուտք գործել․ բոլոր կողպեքները ջարդված են, բոլոր դռները կրնկահան են արված․ ուրեմն փախցրել, տարել են իմ հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։
 +
 +
Լոուխին քիչ էր մնում զայրույթից միջից երկու կես լիներ․ տեսնում էր, որ իր զորությունը թուլանում է․ նա այսպիսի խոսքերով դիմեց մեգ֊մառախուղի տիրակալ Ուուտարտուին․
 +
 +
«Ով դու հզոր տիրակալ, շուտով առաքիր թանձր մուժ ու մառախուղ․ երկնքից ուղարկիր թանձրացրած մեգ ու դուման, որ ծածկի ամբողջ ծովի մակերեսը և Վեյնեմեյնենն իր կտրիճներով ճամփան մոլորի։
 +
 +
Եթե այդ քիչ է, ով դու ծովի աստծու որդի՝ Իկո֊Տուրսո, ծովի հատակից բարձրագագաթ ժայռեր դուրս ցցիր, որ Կալեվալայի կտրիճների նավը դիպչի այդ ժայռերին՝ խորտակի և կտրիճները ծովի անդունդներում խեղդվեն, իսկ դու Սամպոն, վերցրու նավից և վերադարձրու Պոխյոլա։
 +
 +
Եթե այդ էլ քիչ է, ով դու Ուկկո, բարձրյալդ երկնային, մեր ամենքիս տեր ու տիրակալ, փոթորիկ բարձրացրու, որ ալիքները զորեղանան և խորտակեն Վեյնեմեյնենի, նույն ինքը Սուվանտոլայնենի նավը»։
 +
 +
Մեգ֊մառախուղ իջավ ծովի վրա․ երեք օր ու գիշեր այնպես թանձր էր մուժն ու դումանը, որ ոչ մի բան չէր կարելի նշմարել։
 +
 +
Երրորդ օրվա վրա ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Նույնիսկ ամենաթույլ տղամարդը չի վախենա մուժից, չի ընկճվի, թե չորս կողմը մառախուղն է պատել»։
 +
 +
Նա  հանեց թուրը և խփեց ծովի ջրերին․ կարծես թե թրից մեղր ծորեց։ Քիչ անց նրա ուժեղ հարվածից մեգն ու մառախուղը փարատվեցին, նորից երևաց կապույտ լայնարձակ ծովը՝ հորիզոնից հորիզոն։
 +
 +
Բայց քիչ անց նավի չորս կողմից էլ ուժեղ աղմուկ լսվեց․ ջուրն սկսեց ցայտել նավի հատակին։ Նավը ճոճվում էր ալիքների վրա և աղմուկն այնքան խլացուցիչ էր, որ անգամ Իլմարինենը գլուխը ծածկեց և աչքերը փակեց։
 +
 +
Իսկ Վեյնեմեյնենը չվախեցավ․ նա նայեց փոթորկոտ ծովի ալիքներին և հրաշք տեսավ․ ծովից գլուխը դուրս հանեց Իկու֊Տոըսոն և բռնելով նավի եզրից, ուզում էր բարձրանալ նավի վրա։ Ծերունի երգասացն անմիջապես բռնեց նրա ականջներից, ջրից դուրս քաշեց և խիստ ու բարկացած հարցրեց․
 +
 +
«Ով դու Իկու֊Տուրսո, ինչո՞ւ ես ջրի երես ելել, ինչո՞ւ երևացիր Կալեվալայի զավակների աչքին»։
 +
 +
Իկու֊Տուրսոն ոչ ուրախացավ և ոչ էլ շատ վախեցավ, որ Վեյնեմեյնենի ձեռքն է ընկել, բայց պատասխան չտվեց։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը երկրորդ և երրորդ անգամ  հարցրեց․
 +
 +
«Դու պատասխան տուր ինձ, ինչո՞ւ ես անդունդներից ջրի երես ելել»։
 +
 +
Վերջապես Իկու֊Տուրսոն պատասխանեց․
 +
 +
Ես նրա համար եմ ծովից դուրս եկել, որ Կալեվալայի ամբողջ ցեղը ոչնչացնեմ, որ Սամպոն փախցնեմ տանեմ Պոխյոլա։ Բայց տեսնում եմ, որ քեզ չեմ կարող հաղթել հզոր երգասաց Վեյնեմեյնեն․ այժմ եթե ինձ ազատ թողնես, եթե կյանքս խնայես, ես էլ երբեք մարդու աչքին չեմ երևա»։
 +
 +
Վեյնեմեյնենն անմիջապես նրան բաց թողեց և այսպիսի պատվեր տվեց․
 +
 +
«Ով դու Իկու֊Տուրսո, որդիդ ծովի տիրակալի, այսօրվանից մինչ հավիտյան այլևս երբեք չբարձրանաս ծովի հատակից և մարդկանց աչքին չերևաս։ Քանի արևն ու լուսինը մեզ իրենց լույսն են պարգևում, դու մնա քո ծավային անդունդներում»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը նորից նավն առաջ մղեց, բայց քիչ անց, Ուկկոն, հաստիչը երկնային, ուժեղ փոթորիկ ուղարկեց ծովի վրա։ Փչեցին հողմերը արևելքից, արևմուտքից, հարավից, բայց ամենակատաղին հյուսիսային քամին էր։ Իր ճամփին նա տերևաթափ արեց բոլոր ծառերը, արոտներից, դաշտերից, այգիներից պոկեց բոլոր ծաղիկները, հասկերն ու թփերը, ապա գետնից ավազե մի ամպ բարձրացրեց և բոլորը շպրտեց ծովի վրա։
 +
 +
Դեռ ոչ ոք իր կյանքում այդպիսի ահռելի փոթորիկ չէր տեսել։ Նավը ծառս֊ծառս էր լինում և, ոնց որ տաշեղը, օրորվում ալիքների վրա։ Մի ուժեղ ալիք թափով ընկավ նավի վրա և այն հիասքանչ երաժշտական գործիքը ծովը նետեց։ Գայլաձկան ոսկորից սարքված Կանտելեն կորավ ալիքների հորձանքում։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը շատ տխրեց և ասաց․
 +
 +
 +
 +
«Ափսո՜ս, կորավ իմ Կանտելեն։ Նա ինձ շատ էր մխիթարում․ երբ նվագում էի, երգերս հորդում էին աղբյուրի զուլալ ջրի նման»։
 +
 +
Ճարտար դարբին Իլմարինենը շատ վախեցավ ահեղ փոթորկից և ասաց․
 +
 +
«Վայ մեզ, որ այս խարխուլ նավով ընկել ենք ահեղ ալիքների վրա․ չեղած֊չլսված փորձանքի մեջ ենք ընկել»։
 +
 +
Վեյնեմեյնենը հորդորեց․
 +
 +
«Ծանր, դժվարին պահին ողբն ու լացը գործին չեն օգնի»։
 +
 +
Ապա երգասացն այսպես խոսեց․
 +
 +
«Դադարի՛ր ով փոթորիկ և հեռացի՛ր, գնա այնտեղ, որտեղից եկել ես․ բավական է ինչ իմ նավը տատանվեց ալիքների վրա»։
 +
 +
Իսկ ուրախ Լեմմինկայնենը գործի անցավ և տախտակները, որ բերել էր հետը, հարմարին ամրացրեց նավի կողերին, որոնք վնասվել էին ալիքների հորձանքից, ապա կոծկեց նավի բոլոր ճեղքվածքները։
 +
 +
Փոթորիկն արդեն հանդարտվել էր և նավը կրկին առաջ սուրաց, թանկագին բեռը՝ հրաշք֊ինքնաղաց պսպղուն կափարիչով Սամպոն տանելով դեպի հայրենիք։
 +
 +
 +
==Ռունա ԽԳ==
 +
 +
Պոխյոլայի տիրուհին ռազմական նավով հետապնդում է Կալեվալայի դուցազուններին
 +
 +
 +
Լոուխի ջադուն իր բոլոր մարդկանց հավաքեց, հարյուրի ձեռքը սրեր դրեց, մյուսներինը նիզակներ, հազարն էլ նետ ու աղեղով զինեց և բոլորին հրամայեց ռազմական նավը նստել։
 +
 +
Առագաստները բացվեցին, թիերը գործի դրին․ պառավն իր մարդկանցով շտապում էր հասնել Վեյնեմեյնենի նավին, որ կալեվալցիներից խլի Սամպոն, վերադարձնի Պախյոլա։
 +
 +
Կապույտ ջրերի վրայով սահում էր Վեյնեմեյնենի նավը։ Ծերուկը դիմեց Լեմմինկայնենին․
 +
 +
«Իմ հավատարիմ բարեկամ, բարձրացիր կայմի վրա և չորս կողմը նայիր․ արդյոք հանգի՞ստ է ծովը, մեզ որևէ վտանգ չի՞ սպառնում»։
 +
 +
Այնտեղ, ուր պետք է ճարպկություն և համարձակություն, ուրախ Լեմմինկայնենը միշտ պատրաստ է։ Նա բարձրացավ կայմին, նայեց դեպի ետ, դեպի առաջ, ապա աջ և ձախ կողմերն ու ասաց․
 +
 +
«Մեր դիմացը երկինքը պարզ է, բայց ետևի կողմից սև ամպ է բարձրանում և մեր կողմն է շարժվում»։
 +
 +
Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
Մի լավ նայիր, երկինքը պարզ է, ի՞նչ ամպի մասին է խոսքը, գուցե թե նավ է, որ գալիս է մեր ետևից»։
 +
 +
Լեմմինկայնենը երկրորդ անգամ ավելի ուշդիր նայեց և ասաց․
 +
 +
«Հեռվում կարծես թե կղզի է հայտնվել․ կղզու վրա էլ ծառեր կան, ծառերի վրա էլ թառել են կաքավներ ու սոխակներ»։
 +
 +
Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Ծովի վրա կաքավ ու սոխակ չեն լինում։ Մեկ էլ նայիր, գուցե թե Պոխյոլայի այրերն են նավով մեզ հետապնսդում»։
 +
 +
Լեմմինկայնենը երրորդ անգամ շատ ավելի ուշադիր նայեց և ասաց․
 +
 +
«Ճիշտ եք կռահել ծերուկ իմաստուն Վեյնեմեյնեն, եկողները հենց պոխյոլցիներ են։ Հարյուր տղամարդ թիավարում է, հազարն էլ զինված՝ կռվի են պատրաստվում»։
 +
 +
Վեյնեմեյնենը, երբ ամբողջ ճշմարտությունն իմացավ, այսպես խոսեց․
 +
 +
«Հապա ճարտար դարբին Իլմարինեն և դու ուրախ Լեմմինկայնեն և բոլոր թիավարողներդ ո՛ժ տվեք ձեր թևերին, արագ֊թիավարեք, որ հեռանանք ջադու Լոուխիի նավից»։
 +
 +
Բոլոր հերոս թիավարողները ուժ գործադրեցին, ինչքան էլ արագացրին նավի ընթացքը, բայց չկարողացան ազատվել պոխյոլցիների նավի հետապնդումից։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը տեսավ, որ վտանգը մոտ է, ծանր ու թեթև արավ և ասաց․
 +
 +
«Ելքը կգտնեմ, հրաշքո՛վ պիտի ազատվենք»։
 +
 +
Շտապ պարկից հանեց մի կայծքար և այն շպրտեց ծովն ու այսպես խոսեց․
 +
 +
«Այս կայծքարից թող ծովի մեջ մի ժայռ առաջանա, Պոխյոլցիների նավը թող թափով դիպչի այդ ժայռին, ջարդ ու փշուր լինի և նավի տաշեղները թող ալիքների հորձանքի հետ կորչեն»։
 +
 +
Անմիջապես ծովի մեջ մի ժայռ գոյացավ, երկայնքով դեպի արևելք ձգվեց, լայնությամբ դեպի հյուսիս։
 +
 +
Ջադու Լոուխին ժայռը չնկատեց․ նրա նավը թափով դիպավ ժայռին և խորտակվեց։ Պառավը մինչև ծնկները ծովը մտավ և ուզեց նավը ափ հանել ու սարքել, բայց տեսավ, որ այնպես են իրարից բաժանվել տախտակները, քամին առագաստներն այնքան հեռու է քշել, որ անհնար է նավը սարքի գցել։ Այն ժամանակ ջադու պառավը իր երկար մազերով նավի մի քանի տախտակը կապեց ուսերին իբրև թևեր, ղեկը պոչ դարձրեց, նավի մեջ եղած բրիչներից մագիլներ սարքեց և ստացավ արծվի կերպարանք։ Նա իր թևերին հարյուր զինված կտրիճ տեղավորեց, պոչին հազար նիզակավորներ, թռիչքով օդ բարձրացավ և սկսեց հետապնդել կալեվալցիներին։ Թռչում էր արծիվ դարձած ջադուն, թափահարում էր իր թևերը․ մեկ թևը դիպչում էր ամպերին, մյուսը ծովի ալիքներին էր քսվում։
 +
 +
Ծովի գեղեցկուհի մայրը երևաց երգասացի աչքին ու ասաց․
 +
 +
«Ով դու ծերուկ Վեյնեմեյնեն, գլուխդ վեր բարձրացրու և մի պահ դեպի արևմուտք դարձիր»։
 +
 +
Վեյնեմեյնենը նայեց և ի՜նչ տեսնի․ իր գլխավերևում մի սարսափելի թռչուն է պտտվում։ Նրա գլուխը Պոխյոայի տիրուհու գլխին է նման, մարմինը՝ արծվի։ Եվ այդ հրեշը երբ  նստեց նավի կայմին, նավն սկսեց տատանվել, կարծես թե ուժեղ փոթորիկ բարձրացավ։
 +
 +
Իլմարինենն այդ պահին խնդիրք էր անում․
 +
 +
«Ով դու տիեզերքի տեր Ուկկո, դառն պատուհասից փրկիր քո ստեղծածին։ Ով ամենակալ տեր, տուր ինձ հրեղեն շապիկ, որպեսզի ես անխոցելի մնամ և այս անիրավների դեմ կարողանամ կռվել և հաղթել»։
 +
 +
Իսկ Վեյնեմեյնենն այսպիսի խոսքերով դիմեց Լոուխիին․
 +
 +
«Ով դու Պոխյոլայի տիրուհի, արի համաձայնիր, գնանք հասնենք մշուշապատ կղզին և Սամպոն բաժանենք քո երկրի և Կալեվալայի միջև»։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին խոսեց․
 +
 +
«Ես պիտի լինեմ Սամպոյի միակ տերը, ով ողորմելի Վեյնեմեյնեն․ չեմ ուզում քեզ հետ հրաշք֊ինքնաղացը փայ֊բաժին անել»։
 +
 +
Ասաց ու իր երկաթյա մագիլներով բռնեց Սամպոն, որ վերցնի տանի Պոխյոլա։
 +
 +
Այստեղ արդեն վրա հասավ ուրախ Լեմմինկայնենը, իր հզոր թրով հարձակվեց ջադու պառավի վրա և սկսեց ուժեղ հարվածներ տեղալ նրա թևերին։ Խփում է ու գոռում․
 +
 +
«Հապա, ով դուք այրեր, թե կռվող եք, ցա՛ծ իջեք, հարյուրդ էլ ցած իջեք, որ կռվենք»։
 +
 +
Պառավ Լոուխին այսպիսի խոսքեր ասաց Լեմմինկայնենին․
 +
 +
«Ով դու ուրախ Կաուկոմեյլի․ դու չար զավակ ես․ հարազատ մորդ խաբել ես։ Դու նրան երդում ես տվել, որ վեց տարի, մինչև տաս տարի այլևս ոչ մի տեղ չես գնա ՝ կռիվ չես անի, ինչքան էլ ցանկանաս ոսկի կամ արծաթ ձեռք բերել»։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը հասկացավ, որ հասել է պահը, երբ պետք է ավելի վճռական գործի։ Նա դուրս քաշեց կաղնյա ամուր֊հաստատուն ղեկը և ամուր խփեց ջադու պառավին։
 +
 +
Վեյնեմեյնենի հարվածով ջադուի թևերը ջարդվեցին։
 +
 +
Իլմարինենի հարվածով պոչը պոկվեց։
 +
 +
Լեմմինկայնենի հարվածով էլ մագիլները ջարդվեցին։
 +
 +
Միայն մեկ մագիլը մնաց, որով պառավը կառչել էր Սամպոյին։
 +
 +
Լոուխիի մարդիկ վար թափվեցին նրա թևերից․ Լեմմինկայնենը և Իլմարինենը թրերը քաշած իրենց քաջերով նրանց վրա հարձակվեցին։
 +
 +
Այդ ժամանակ ջադու Լոուխին իր ողջ մնացած մագիլով նավից դուրս քաշեց պսպղուն կափարիչով Սամպոն։
 +
 +
Բայց հրաշք֊ինքնաղացը նրա ձեռքից փրթավ ընկավ ծովը, ջարդ ու փշուր եղավ։ Կափարիչի և հրաշք֊ինքնաղացի կտորները սուզվեցին ծովի խորքերը։
 +
 +
Ծովի տիրակալ Ախտոն շատ ուրախացավ, որ Սամպոյի ծանր կտորները մնացին խորը հատակում և ծովը լցվեց անբավ հարստություններով։
 +
 +
Բայց ջարդված Սամպոյի և կափարիչի ավելի մանր կտորները ծովի ալիքների հորձանքի հետ ափ հասան, մնացին ավազների վրա։
 +
 +
Վեյնեմեյնենն այդ որ տեսավ ուրախացավ և այսպես խոսեց․
 +
 +
«Հրաշք ինքնաղացի կտորները կդառնան այն սերմերը, որոնցից անհամար բարիքներ կստեղծվեն․ դաշտերում կփարթամանա բերքը, անտառներում ամեն տեսակ պտուղներ կաճեն, արևն ավելի ջերմ կլուսավորի, լուսինն ավելի պայծառ փայլ կտա խավար գիշերին»։
 +
 +
Ջադու Լոուխին այսպես ասաց․
 +
 +
«Ես կարող եմ այնպես անել, որ ձեր դաշտերն ու արոտները, այգիներն ու անտառները անբերի և անպտուղ մնան․ ես լուսատուներին անձավում կփակեմ, այնպե՛ս, որ ոչ արևը կջերմացնի, ոչ էլ լուսինը փայլ կտա ձեր աշխարհին․ հետո այնպիսի սառնամանիք կանեմ, որ ամեն շունչ ու կենդանի կսառչի։ Թե այդ ամենը քիչ է, պողպատի կարկուտ կթափեմ ձեր գլխին, որ ամեն բույս ու կենդանի նրա հարվածներից ոչնչանան։
 +
 +
Անտառի խորքից ծուռթաթ, զորեղ ատամներով արջը կուղարկեմ, որ ձեր դաշտերն ու մարգագետինները ոչնչացնի, որ ձեր ձիերին խժռի, որ ձեր կովերի, աչառների նախիրն հոշոտի։ Քո ժողովրդին հիվանդություններով ու քաղցով կհյուծեմ, կմեռցնեմ, այնպես որ քանի լուսինը երկնքում փայլփլում է, քո ցեղի անունը չի լսվի»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Ով ջադու պառավ քո ոչ մեկ սպառնալիքն ինձ չի սարսափեցնում։ Բարձրյալն Ուկկոն մարդկանց ճակատագրի տերն է։ Նա ամեն ինչ տեսնում է և չի՛ թողնի, որ չարն անպատիժ մնա։ Ես կապավինեմ նախախնամությանը և նա ինձ կօգնի, որ մեր ցանքսերին, դաշտերին և արտերին ոչ մեկ ցեց ու ճիճու չմոտենա և չվնասի։ Ով Պոխյոլայի տիրուհի, թե կարող ես դու ցա՛վն ու դժբախտությունը անձավները տար և փակի տակ դիր և ոչ թե սպառնա մարդկանց կյանք պարգևող արևն ու լուսինը ժայռերի մեջ թաքցնել։
 +
 +
Դու սառնամանիքով և կարկուտով մի սպառնա․ դրանք ավելի շուտ քո դաշտերն ու ցանքերը կվնասեն։ Իսկ զորեղ ատամներով ծուռ թաթ արջը թող քո նախիրները խժռի»։
 +
 +
Պոխյոլայի տիրուհի Լոուխին այսպես խոսեց․
 +
 +
«Ա՛խ, իմ հզորությունն այսօրվանից թուլացավ․ ծովի հատակը սուզվեց իմ հարստությունը, իմ հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։
 +
 +
Եվ լաց ու կոծով պառավը Պոխյոլա վերադարձավ։ Հրաշք ինքնաղացի միայն մի քանի փշրանքները նա կարողացավ իր երկիրը տանել, դրա համար էլ նրա երկիրն աղքատ մնաց և լապլանդացիների հացը միշտ պակաս է։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը ծովափից հավաքեց Սամպոյի և պսպսղուն կափարիչի կտորները, տարավ սփռեց Կալեվալայի դաշտերում, որ ամեն ինչ այնտեղ առատ լինի, որ ցորենի հասկերը լիքը լինեն և տատիկները սննդարար հաց թխեն, որ գարին առատ բերք տա, և հարսներն անուշ գարեջուր պատրաստեն։
 +
 +
Իմաստուն Վեյնեմեյնենն այսպիսի խոսքերով դիմեց աստծուն․
 +
 +
«Ով դու բարձրյալդ Ուկկո, օգնի՛ր, որ մեր չքնաղ Կալեվալայում ապրենք երջանիկ․ մինչև մեր կյանքի վերջը պատվով ապրենք մեր հայրենիքում։
 +
 +
Ազատի՛ր մեզ չար մարդկանցից և նենգ կանանցից։
 +
 +
Սանձահարիր ծովի և ցամաքի չար ոգիներին։
 +
 +
Օգնի՛ր, որ քո որդիներին ոչ մի չարագործ չվնասի․ գիշեր ցերեկ նրանց պահապան եղիր, պաշտպանիր  դաժան քամիներից ու ցրտերից։
 +
 +
Թող քո բարի կամքով իմ հայրենիքը ծաղկի և բարգավաճի, թող ոչ մի չարագործ մեր մարդկանց չվնասի, մեր բերքը չփչացնի, մեր վաստակը չխլի, քանի երկնքում փայլում է պայծառ լուսինը, քանի մարդկանց ջերմացնում է կենսատու արևը»։
 +
 +
 +
==Ռունա ԽԴ==
 +
 +
Վեյնեմեյնենը սարքում է նոր Կանտելե և նորից իր երգով ու նվագով զարմացնում է աշխարհը
 +
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենն այսպես խոսեց ինքն իր հետ․
 +
 +
«Այժմ լավ է, որ գնամ մտնեմ իմ հարազատ հարկի տակ և ուրախանամ, բայց ինչպե՞ս․ ինձ մխիթարող Կանտելեն ընկել է ծովի խորերը, ձկների վտառների մոտ․ իսկ ծովի տիրակալ Ախտոն երբեք Կանտելեն ինձ չի վերադարձնի»։
 +
 +
Ապա դիմեց ճարտար դարբնին․
 +
 +
«Ով դու Իլմարինեն, երեկ ամբողջ օրն աշխատել ես, այսօր էլ աշխատիր և ինձ համար պողպատե երկար ատամներով մի փոցխ սարքիր։ Ուզում եմ դրանով ծովի հատակը, քարերի արանքում պատսպարված ձկների կեցած տեղը փոցխել, գուցե թե գտնեմ, դուրս քաշեմ Կանտելեն»։
 +
 +
Ճարտար դարբինը սարքեց Վեյնեմեյնենի ուզած փոցխը։ Նրա ամեն մի ատամը պողպատից էր և հարյուր սաժեն երկարություն ուներ, բռնակն էլ պղնձից էր և հինգ անգամ ավելի երկար, քան ատամները։
 +
 +
Վեյմեմեյնենը վերցրեց փոցխը և գնաց դեպի ծովը։ Ափին տեսավ երկու նավակ․ մեկը հին էր, մյուսը նոր սարքված։
 +
 +
Ծերունին մոտեցավ նոր նավակին և ասաց․
 +
 +
«Նավակ իմ, ծովը մտիր և առանց իմ օգնության առաջ սուրա, այնպես որ կարիք չլինի, որպեսզի ես թիեր բանեցնեմ»։
 +
 +
Նավակն իսկույն ծովն իջավ․ Վեյնեմեյնը նստեց նավակի ներքին ծայրի նստարանին․ նավը կապույտ հանդարտ ջրերի վրայով առաջ սուրաց։ Եվ ծերունին իր երկար փոցխով սկսեց փոցխել ծովի հատակը։ Ինչքան ասես մամուռներ, ինչքան ասես ծովային խոտեր հավաքեց ափ հանեց, բայց այնպես էլ Կանտելեն չգտավ, չկարողացավ այն հանել ծովի հատակից։
 +
 +
Ծերուկ երգասացը տուն դարձավ․ տխուր֊տրտում նստեց․ գլխարկը թեք ընկավ և նա ինքն իր հետ այսպես խոսեց․
 +
 +
«Այլևս երբեք չեմ գտնի գայլաձկան ոսկորներից սարքված իմ հրաշալի Կանտելեն, զմայելելի երաժշտական գործիքը»։
 +
 +
Մյուս օրն անտառ գնաց Վեյնեմեյնենը և հանկարծ լացի ձայն լսեց․ մոտեցավ, տեսավ, որ կեչի ծառն է դառն֊դառն լալիս․ հարցրեց․
 +
 +
«Այ դու ճերմակազգեստ ծառ, ինչո՞ւ ես լալիս»։
 +
 +
Կեչին պատասխանեց․
 +
 +
«Շատերը կարծում են, թե ուրախ են անցնում իմ օրերը։ Ո՛չ, այդպես չէ, ես միշտ, ամառ թե ձմեռ ծանր հոգսերի մեջ եմ։ Հապա ինքներդ դատեցեք։ Գարունը գալիս է թե չէ, երեխաները սուր դանակով իմ ճյուղերն են պոկում֊տանում, մի քիչ խաղ են անում, ապա դեն շպրտում։ Վրա է հասնում շոգ ամառը, հովիվները իմ կեղևներն են պոկում, զամբյուղ սարքում՝ մեջը պտուղներ լցնում։ Ջահել աղջիկներն էլ արդեն իմ տերևներից պսակներ են հյուսում իրենց համար։ Ձմեռն էլ հեշտ չէ իմ վիճակը․ դառն քամին քշում տանում է իմ կանաչ զգեստները և ես, սառնամանիքին մնում եմ մենակ, անօգնական․ մեջքս խոնարհում եմ ու դողում։ Այդ բոլորը չէ, մեկ էլ տեսար եկավ փայտահատը և վե՛րջ կյանքիդ»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Այլևս լաց մի լինի իմ կանաչ բարեկամ, մի տխրիր, ով դու անտառի սպիտակազգեստ բնակիչ։ Շուտով առիթ կունենաս ուրախանալու և ծիծաղելու։ Իսկ եթե լաց լինես, ապա արցունքներդ միայն ուրախության արցունքներ կլինեն»։
 +
 +
Եվ ահա՛ ծերուկ Վեյնեմեյնենը հմուտ ձեռքերով կեչիից մի նոր Կանտելե սկսեց սարքել․ գործը լավ առաջ գնաց․ մինչ ծերունին աշխատում էր, կկուն սկսեց գեղգեղալ․ նրա ձայնը կոկորդից ելնելով դառնում էր ոսկյա կաթիլ և հատիկ֊հատիկ թափվում չորս կողմը։
 +
 +
Ծերունին այդ հատիկներով Կանտելեն զարդարեց և լարերի համար հենակներ սարքեց․ բայց որտեղի՞ց ճարեր լարերը, որ հագցներ գործիքին և սկսեր նվագել։
 +
 +
Նա գնաց անտառի խորքը և մտածում էր, թե ինչի՛ց սարքի լարերը, որ Կանտելեն կատարյալ լինի։ Տեսավ, պուրակում մի աղջիկ է նստած․ նա ոչ տխուր է, ոչ էլ շատ ուրախ․ իր համար երգում է, միայն երևում է, ուզում է շուտ մթնի, որ սիրածը գա հասնի իրեն։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը շտապով մոտեցավ աղջկանն ու ասաց․
 +
 +
«Սիրունիկ աղջիկ, քո հյուսկերից, քո քնքուշիկ մազերից մի փունջ տուր, որ Կանտելեի համար լարեր սարքեմ և այդ զմայլելի երաժշտական գործիքի նվագով բարի մարդկանց հաճույք պատճառեմ»։
 +
 +
Աղջիկն իր մետաքսանման ոսկեգույն մազերից մի փունջ տվեց․ ծերուկն այդ մազերն իբրև լարեր հագցրեց Կանտելեի վրա և երաժշտական գործիքն արդեն պատրաստ էր։
 +
 +
Վեյնեմեյնենը Կանտելեն զգուշությամբ դրեց ծնկներին և մատներն սկսեց շարժել սիմերի վրա։
 +
 +
Եվ հմայիչ երգի հնչյունները սփռվեցին Կալեվալայի մեկ ծայրից մյուսը։ Հեռու և մոտիկ գյուղերից հավաքվեցին մեծ թե փոքր, որպեսզի լսեն երգասացին։
 +
 +
Կանայք թողին տան գործը և ուրախ֊զվարթ, ինչպես հորդահոս գետը, վազեցին առաջ։
 +
 +
Տղամարդիկ գլխարկները հանեցին, ջահելները ծունկի եկան և բոլորը֊բոլորը հայիլ֊մայիլ եղած լսում էին ծերունուն և միաբերան ասում․
 +
 +
«Մենք մեր ամբողջ կյանքում այսպիսի սքանչելի֊հմայիչ երգեր չենք լսել»։
 +
 +
Եվ գիշեր ցերեկ երգում ու նվագում է ծերունին։
 +
 +
Թե տանն է երգում, նրան ձայնակցում են դուռն ու լուսամուտը, առաստաղն ու պատերը։
 +
 +
Թե անտառումն է երգում, նրա առաջ խոնարհվում են նոճիները և պիստակները թափվում են նրա ոտքերի տակ։
 +
 +
Պուրակում թե դաշտումն է երգում, ամեն թուփ, ամեն ծաղիկ ավելի է փարթամանում և սիրով է նայում երգչին։
 +
 +
Ամե՜ն, ամե՜ն տեղ Վեյնեմեյնենի երգերը սփռում են կյանք ու երջանկություն։
 +
 +
Իր հայրենիքի փառքի և հզորության համար հնչում է Կանտելեի հոգեզմայլ նվագը։
 +
 +
 +
==Ռունա ԽԵ==
 +
 +
Պոխյոլայի ջադու տիրուհին գեշ հիվանդություններ է առաքում Կալեվալա․ Վեյնեմեյնենը կախարդանքով և դեղերով բուժում է ժողովրդին
 +
 +
 +
Պոխյոլայի տիրուհի ջադու Լոուխին իմացավ, որ Կալեվալայում մարդիկ երջանիկ են ապրում, ուրախ և խնդալից են անցնում նրանց օրերը, երկիրը լցվել է առատությամբ։ Եվ այդ բոլոր բարիքը ստեղծել է Սամպոն, հրաշք֊ինքնաղացի այն կտորները, որ իմաստուն Վեյնեմեյնենը հավաքեց ու սփռեց իր հայրենի դաշտերի վրա։
 +
 +
Ջադուի երկիրը, ընդհակառակը, մնացել էր ցուրտ և աղքատ, որովհետև այն հրաշք Սամպոյից միայն կափարիչի կոտրած կտորն էր բաժին ընկել նրան։ Ջադուն մտածմունքի մեջ ընկավ․ ի՞նչ անի, որ Կալեվալայի բնակիչներին ոչնչացնի․ ի՞նչ տեսակ մահով մեռցնի Կալեվի խիզախ զավակներին։
 +
 +
Այսպիսի խնդիրք արավ նա․
 +
 +
«Ով դու բարձրյալդ Ուկկո, ոչնչացրու Կալեվի ժողովրդին։ Մահացու կարկուտ տեղա նրանց դաշտերի և արոտների վրա։ Առաքիր անբուժելի հիվանդություններ, որ նրանց ցեղը ոչնչանա․ այրերը մեռնեն դաշտերում, կանայք էլ իրենց տան շեմին»։
 +
 +
Տուոնելիի երկու աչքով կույր աղջիկ Լովյաթարը, հազար տեսակ արատներ ուներ․ այդ սևադեմ, մազմզոտ մարմնով աղջիկը մայրն էր ամեն տեսակ չար բաների, քանի որ չարություն սերմանող նենգ զավակներ էր ծնում նա։
 +
 +
Այդ սևադեմ, մազմզոտ մարմնով աղջիկն ահա՛ կածանի մեջտեղը անկողին սարքեց ու պառկեց։ Այդ անամոթի վրայով անցավ միջանցիկ քամին, անցավ թենոտ ու մռայլ եղանակը, անցավ մեգ֊մառախուղ, անցան բնության բոլոր արհավիրքները։ Սկսվեց ուժեղ մրրիկ ու սևադեմ աղջկա արգանդը պտղավորվեց և պտուղն սկսեց աճել։
 +
 +
Անցավ մեկ֊երկու ամիս, լրացավ իննը, մտավ տասներորդ ամիսը, աղջիկը թեև շատ էր տանջվում ցավերից, բայց պտուղը լույս աշխարհ չէր գալիս։
 +
 +
Աղջիկը գնաց, ուզեց ժայռերի մեջ ազատվել, թեև շատ տանջվեց, բայց ծնունդ չունեցավ։
 +
 +
Մյուս օրը գնաց ճահիճները, գնաց ջրվեժի մոտ, ցավերից շատ տառապեց, բայց դարձյալ պտուղը լույս աշխարհ չեկավ։
 +
 +
Անպիտան աղջիկն սկսեց գոռ֊գոռ լաց լինել։ Էլ չգիտեր, թե ո՞ւր գնար, ի՞նչ միջոցի դիմեր, որ արգանդը թեթևանար, ծներ իր չար զավակներին։
 +
 +
Հանկարծ ամպերի միջից աղջիկը լսեց մի ձայն․
 +
 +
«Պոխյոլայի մշուշապատ աշխարհում կա եռանկյունի մի խրճիթ, գնա՛ այնտեղ և կազատվես քո երկունքի ցավերից։ Այնտեղ քեզ սպասում են, այնտեղ շատ են ուզում, որ աշխարհ գան քո զավակները»։
 +
 +
Տուոնելիի կույր աղջիկը, Մանալի եղկելի֊այլանդակ ծնունդն անմիջապես գնաց Պոխյոլա, ուզեց մտնի եռանկյունի խրճիթը։ Ջադու ատամնաթափ Լոուխին վրա հասավ, աղջկանը թաքուն բաղնիք տարավ, որ գյուղացիները չտեսնեն, իրենց խոսածները չլսեն։
 +
 +
Լոուխին բաղնիքը սարքի գցեց, ջուրը տաքացրեց, աղջկան մինչև մեջքը կանգնեցրեց ջրի մեջ և այսպիսի խոսքեր ասաց․
 +
 +
«Ով դու ամենազոր Ուկկո, քո բարձրունքից վայր իջիր, տե՛ս, այստեղ, գյուղական բաղնիքում հղի մի կին է կանգնած և ցավերից տառապում է։
 +
 +
Դու քո հզոր աջովդ խափանիր, ոչնչացրու բոլոր արգելքերը, որպեսզի կինն ազատվի այս դառն ցավերից, որպեսզի աշխարհ գան արգանդում եղած բոլորը, թե ուժեղները և թե թույլերը»։
 +
 +
Եվ ահա՛, վերջապես սևադեմը ծնեց այն դժխեմ զավակները։ Այն ամառային  գիշերն աղջիկը ծնեց իննը զավակ։
 +
 +
Եվ տղաներին անուններ դրեց․ ամեն մեկին մի այնպիսի անուն, որ համապատասխան լինի այն գործին, որ պետք է գործեր այդ չար զավակներից ամեն մեկը։
 +
 +
Մեկի անունը Վերք դրեց, մյուսինը՝ Թոքախտ,
 +
 +
Երրորդինը՝ Հոդացավ, Չորրորդինը՝ Հյուծախտ
 +
 +
Հինգերորդինը՝ Ջրգողություն, Վեցերորդինը՝ Քոս,
 +
 +
Յոթերորդինը Թարախակալած վերք, ութերորդինը՝ Ժանտախտ։
 +
 +
Մնաց իններորդը, որ ամենավերջին էր ծնվել և նրա անունն էլ մայրը կնքեց՝ Նախանձ։
 +
 +
Պոխյոլայի ջադուն բոլոր տղաներին կանչեց միգապատ մի կղզի, պատվերներ տվեց և ուղարկեց Կալեվալա, որ Վեյնեմեյնենին ու նրա ժողովրդին պատուհասեն, կործանեն։
 +
 +
Եվ ցավն ու հիվանդությունները սփռվեցին ամբողջ Կալեվալայում․ մարդիկ տնքում էին տանջող ցավերից, դաշտերը խոպան դարձան, նույնիսկ տների դռներն ու առաստաղները մգլոտեցին։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը տեսավ իր ժողովրդի տանջանքը, տեսավ ծերունիների և մանուկների տառապանքները։ Բայց չընկճվեց, զորեղ էր նրա կամքը․ որոշեց փրկել իր ժողովրդի մարմինն ու հոգին։
 +
 +
Նա գնաց և, ջրի հոսանքով բերված մաքուր փայտերով, թեժ տաքացրեց բաղնիքը․ բաղնիքում քարեր դրեց, նրանք շիկացան և ծերուկն ասաց․
 +
 +
«Ահա՛, ես այս տաք քարերի վրա ջուր կլցնեմ․ ո՜վ ամենակալ տեր, օգնի՛ր, որ ջուրն այստեղ մեղրի վերածվի, թող սկսի հոսել քաղցր հյութը և բուժիչ դեղ դառնալ, այնպիսի դեղ, որ մարդկանց ցավերն ու վերքերը չքանան և այլևս ո՛չ մի հիվանդություն կալեվալցուն մոտ չգա ո՛չ գիշերը և ո՛չ էլ ցերեկը։ Ով հաստիչդ երկնային, ժայռերի մեջը շատ անցքեր կան, բոլոր հիվանդությունները, մարդկանց տանջանքները նետիր այդ անցքերի մեջ․ թող նրանք անդունդներում կորչեն և այլևս ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը դուրս չգան այդ անդունդներից և մարդկանց չվնասեն։
 +
 +
Եվ ծերուկը պատրաստեց իննը տեսակ ամենալավ բուժիչ դեղեր, հիվանդների վերքերին քսեց այդ դեղերից և աղոթեց․
 +
 +
«Ով դու բարձրյալդ աստված Ուկկո, երկնքի հավերժական բնակիչ, առաքիր բարենպաստ հողմերը, առաքիր բարենպաստ անձրև, որ բուժվեն իմ ժողովրդի վերքերը, մեղմացնեն նրանց տառապանքները։
 +
 +
Եթե քո զորությունը չլինի, ես չե՛մ կարող բոլորին օգնել։ Ամենակալ տեր, դու պետք է, որ ժամ առաջ հասնես և փրկես իմ ժողովրդին։ Այնտեղ, ուր իմ ձեռքը չի զորում, թող քո՝ ստեղծագործողիդ ձեռքը հասնի, այնտեղ, ուր իմ մատները չեն զորում, թող քո հզոր մատները հասնեն․ չէ՞ որ ստեղծագործողի մատներն ավելի վարպետ են և ձեռքերն ավելի կարող»։
 +
 +
Եվ այսպես, այն հավերժական իմաստուն Վեյնեմեյնենը վանեց ցավն ու հիվանդությունները, մարդկանց տառապանքին վերջ տվեց, նրանց հոգին ու մարմինը փրկեց, Կալեվալայի ցեղին նոր կյանք պագևեց։
 +
 +
 +
==Ռունա ԽԶ==
 +
 +
Պոխյոլայի ջադու տիրուհին ծուռթաթ արջին բաց է թողնում Կալեվալայի հոտերի վրա․ Վեյնեմեյնենն այս նոր փորձանքից էլ է ազատում իր ժողովրդին
 +
 +
 +
Պոխյոլայի տիրուհին լուր առավ, որ Վեյնեմեյնենն իր ժողովրդին բուժեց, վանեց ցավն ու հիվանդությունները։ Ատամնաթափ ջադուն կատեղեց, ասաց․
 +
 +
«Ես ուրիշ միջոց էլ ունեմ Կալեվալայի ժողովրդին տանջելու։ Անտառի թավուտներից բաց կթողնեմ ծուռ թաթերով հսկա արջին, որ կալեվալցիենրի հոտերը ոչնչացնի»։
 +
 +
Եվ պառավն անտառի խորքից բաց թողեց ծուռ թաթերով արջին։ Վայրի գազանը մտավ Կալեվալա, որ ժողովրդի նախիրներն ու հոտերը ոչնչացնի, ոտքի տակ տա նրա ծաղկած հանդերը։
 +
 +
Վեյնեմեյնենը դիմեց Իլմարինենին․
 +
 +
«Եղբայր իմ, սարքիր ինձ համար մի սուր և ամուր նիզակ, որպեսզի ես գնամ, սպանեմ այդ արջին, նրան մորթազերծ անեմ, բերեմ նրա թանկարժեք մորթին, որպեսզի նա իմ ժողովրդի ձիերը չխժռի, մեր կաթնատու կովերը չփչացնի, մեր հոտերը չոչնչացնի»։
 +
 +
Ճարտար դարբին Իլմարինենը կռեց֊կոփեց մի սուր ու ամուր նիզակ։ Նիզակը ոչ շատ մեծ էր, ոչ էլ շատ փոքր, միջին չափսի էր․ նիզակի կոթը դարբինը զարդարեց գայլի, արջի և եղջերուի պատկերներով։
 +
 +
Երբ Վեյնեմեյնենը դեպի անտառը գնաց, արդեն փափուկ ձյուն էր տեղացել և չորս կողմի վրա փռված էր սպիտակ սավանի նման։ Ծերուկ երգիչն ասաց․
 +
 +
«Ահա ես անտառ եմ մտնում, ո՜վ դու անտառի տիրուհի, քո շներին ամուր կապիր, որ անարգել անցնեմ։
 +
 +
Իսկ դու Օտսո, անտառի զորեղ արջ, լսո՞ւմ ես, ահա՛ ես ուղիղ դեպի քեզ եմ գալիս։ Դու ճանկերդ մամուռների մեջը խրիր, բերանդ փակիր, որ ատամներդ չերևան և ինձ չսպառնան, որպեսզի ես կարողանամ իմ ճամփով գնալ։ Դու իմ սիրելի մեղրաթաթ արջ, քեզ համար քնիր, հանգստացիր քո որջում, ինչպես թռչունն է բնում իր ձվերի վրա հանգիստ նստում»։
 +
 +
Այսպես խոսեց Վեյնեմեյնենը և սկսեց քայլել անտառի կածաններով։ Քայլեց, քայլեց ծերուկը և հասավ գազանի որջին։ Արջն այդ պահին որջից դուրս էր եկել, բարձրացել էր ծառի ճյուղին։ Վեյնեմեյնենը մեկ էլ տեսավ, որ ճյուղը պոկվեց և արջը փռվեց գետնին․ երգիչն ասաց․
 +
 +
«Փա՜ռք բարձրյալին, անտառի զարդը կազմող այս ահարկու արջն ինձ պարգևեց»։
 +
 +
Ապա ծերունին այսպիսի խոսքերով դիմեց արջին․
 +
 +
«Իմ սիրելի Օտսո, դու մեղրաթաթ արջ, մի՛ նեղանար․ ես քեզ չեմ ծեծել, իմ նիզակով չեմ սպառնացել․ դու ծառի ճյուղից վայր ընկար և մորթիդ քերծվեց։ Արի թո՛ղ քո սառը որջը, թո՛ղ այս կածանները, ընկերացիր ինձ, գնանք գյուղը՝ հերոսների, կտրիճ այրերի մոտ։ Նրանք քեզ լավ կընդունեն, նրանք իրենց հյուրերին պատվում են փեթակների անուշ մեղրով»։
 +
 +
Եվ ծերուկ Վեյնեմեյնենն իր նոր ընկերոջ հետ սկսեց քայլել անտառով և դաշտերով․ քայլում է ու երգում․ նրա երգի ձայնը հասավ գյուղ։
 +
 +
Խրճիթում հավաքված մարդիկ դուրս թափվեցին և երբ Վեյնեմեյնենին տեսան, ասին․
 +
 +
«Այս ի՜նչ ուրախ երգերով ես գալիս․ ոսկի֊արծա՞թ ես գտել, թե Ջրասամույրի կամ թե Լուսանի մորթի ես ճարել»։
 +
 +
Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Ոչ Ջրասամույր, ոչ էլ Լուսան եմ որսացել․ ինձ հետ ավելի թանկագին բան կա․ ինձ հետ է անտառի զարդը՝ մահուդի կաբա հագած։ Եթե օտարի համար տեղ ունեք, ուզում եք հյուր ընդունեք, բաց արեք դարբասի դուռը, եթե չէ, փակեցեք»։
 +
 +
Գյուղացիք ուրախացան․ նրանցից մեկն այսպիսի պատասխան տվեց․
 +
 +
«Բարի՜ եկար մեղրաթաթ արջ, շատ լավ արիր, որ մեր մաքուր բակը մտար։ Ամառ թե ձմեռ քեզ էի սպասում։ Գիեշրը լուսամուտի մոտ էի նստում, ցերեկը բակի դռան մոտ․ ձմեռը սառույց կտրած ձյան վրա էի սպասում, ամառը փոշոտ ճանապարհին․ բայց դու չէիր երևում։ Եվ ես մտածում էի, հապա որտե՞ղ է թափառում արջը, չլինի՞ թե Էստոնիա է գնացել, հեռացել է մեր աշխարհից»։
 +
 +
Վեյնեմեյնենը հարցրեց․
 +
 +
«Որտե՞ղ տանենք մեղրաթաթին․ գո՞մը, փափուկ խոտերի վրա՞ տեղ ունենք մեր հյուրին»։
 +
 +
Գյուղացիք միաձայն ասին․
 +
 +
«Դու մեր ոսկեղենիկ հյուրին բեր մեր ամենալավ խրճիթը։ Այնտեղ ամեն ինչ սարք ու կարգին է և համեղ ուտելիքն էլ արդեն պատրաստ է»։
 +
 +
Երբ արջը խդճիթ տարան, գյուղացիք ասին․
 +
 +
«Մեղրաթաթ հյուրին նստեցրու երկաթե աթոռին, որ մենք մոտից տեսնենք և շոշափենք նրա մորթին․․․ իսկ դու Օտսո, մի՛ նեղանար, որ մենք քեզ հետ սկսում ենք ծանոթանալ նախ և առաջ ստուգելով, թե ինչպիսի մորթի ունես։ Մենք գիտենք լավ մորթու֊մուշտակի արժեքը․ մենք այն ոչ անբան մարդու կտանք, ոչ էլ իզուր տեղը կփչացնենք»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը նույն պահին հսկա արջին մորթազերծ արեց և մուշտակը պահ տվեց․
 +
 +
Բերին մի մեծ ղազան․ արջի միսը կտոր֊կտոր արին, լցրին մեջը և դրին ջեռ կրակի վրա։ Մսի վրա էլ աղ ցանեցին․ աղը հատուկ նավով բերել էին գերմանացիների երկրից, Դվին գետի այն կողմերից։
 +
 +
Եվ այսպես, այն արջը որ չար Լոուխին ուղարկել էր Կալեվալայի ժողովրդին վնասելու, հզոր երգիչ Վեյնեմեյնենի իմաստությամբ դարձավ նրանց մեծ խնջույքի համեղ պատառը, մուշտակն էլ արդեն տեղով ոսկի և արծաթ էր։
 +
 +
Մեծ սեղան բացեցին, արջի խաշած֊խորոված միսը դրին մեջտեղը, անուշ գարեջուրն էլ մեծ թասերով դրին սեղանի թե մեկ, թե մյուս ծայրին։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենն այսպես խոսեց․
 +
 +
«Ո՛վ դուք անտառի տիրակալներ, ո՜վ դու Տապիոլի, և դու Միելիկկի, դուք ձեր կտրիճ որդի Տապիոյի և չքնաղ դուստր Տելլերվոյի հետ նույնպես եկեք այս մեծ խնջույքին։ Մեր սեղանը լիքն  է, ամեն բարիքն առատ է․ եկեք և ուրախացեք․ չէ՞ որ ձեր և բարձրյալի օգնությամբ ես կարողացա կախարդել ահարկու արջին և ժողովրդի համար ուրախության սեղան բաց անել»։
 +
 +
Կերան֊խմեցին և ահա՛ ջահելները հարցրին․
 +
 +
«Ով դու ծերուկ Վեյնեմեյնենն, ասա՛, իմանանք, այդ ինչպե՞ս է, որ անտառի տիրակալներն այդքան ողորմած են դեպի քեզ․ ինչպե՞ս եղավ, որ դու կարողացար հնազանդեցնել և բերել֊մորթազերծ անել ահարկու արջին»։
 +
 +
Իմաստուն երգասացը պատասխանեց․
 +
 +
«Անտառի տիրակալները միշտ իմ խնդիրը կատարել են, որովհետև ինչ֊որ ես խնդրում եմ, ժողովրդի բարիքի համար եմ խնդրում։ Այս անգամ էլ նրանք այնպես արին, որ ես անտառի թավուտներում չմոլորվեմ և ուղղակի գնամ ու գտնեմ արջի որջը։ Եվ երբ հասա այնտեղ, ուր արջն էր պահ մտել, ես ոչ նիզակս գործի դրի, ոչ էլ նետ֊աղեղ։ Ճյուղը, որի վրա նստել էր արջը, պոկվեց և արջն ընկավ իմ ոտքերի մոտ․ ընկնելիս գազանը վիրավորվել էր և թուլացել։ Եվ ահա՛, ես արջին բերի ձեզ մոտ, ձեր աչքի առաջ մորթազերծ արի․․․ դե՛, հիմա կարող ենք ուրախանալ, որ ազատվեցինք ջադու Լոուխիի այս նոր որոգայթից»։
 +
 +
Կալեվալցիներն ավելի ոգևորվեցին և մի կողմից արջի մսի համեղ պատառներն էին ուտում, մյուս կողմից անուշ գարեջուր կոնծում։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենն ավելի սրտալի սկսեց երգել, որ խնջույքն ավելի ուրախ անցնի։ Իմաստուն երգիչն իր ժողովրդի կյանքի հավերժական գովքն արեց․
 +
 +
«Ավելի պայծառ լուսավորիր, ով դու լուսատու, որ քո կենարար շողերի տակ միշտ երջանիկ լինի մեր կյանքը, ավելի դուրեկան լինի մեր երգը։ Ո՜վ դու երկնավոր տեր, քո բարիքը թող անպակաս լինի մեր գլխից․ իմ աշխարհի կտրիճներին միշտ ուղիղ ճամփա ցույց տուր, որ նրանք կյանքում չմոլորվեն։ Օգնի՛ր, որ մեր անտառները միշտ փարթամ լինեն և թռչունները թառեն ծառերին և անուշ գեղգեղան։
 +
 +
Թող իմ երկրի ջահելները և գալիք սերունդներն իրենց հայրենի դաշտերում և լեռներում իրենց արդար վաստակի տերը լինեն, միշտ ուրախ և երջանիկ ապրեն և թող երգն անպակաս լինի նրանց շրթունքներից»։
 +
 +
 +
==Ռունա ԽԷ==
 +
 +
Լուսինն ու արևը երկնքից վայր են իջնում, որ լսեն Վեյնեմեյնենի նվագն ու երգը։ Պոխյոլայի ջադու տիրուհին փախցնում է լուսատուները և տանում թաքցնում է պղնձակուռ անձավում
 +
 +
 +
Այնքա՜ն դուրեկան էր Վեյնեմեյնենի երգը, այնքա՜ն հնչեղ նրա Կանտելեի երգը, որ ով լսում՝ զմայլվում էր։ Երգի ու նվագի ձայնը գնաց հասավ շատ աշխարհներ, հասավ մինչև լուսինը, հասավ արեգակին։
 +
 +
Լուսինն իջավ կեչու թեք ճյուղին, արեգակն իջավ սոճու կատարին, որ Վեյնեմեյնենի Կանտելեի նվագը մոտից լսեն, որ հիանան իմաստուն ծերունու երգերով։
 +
 +
Լոուխին, Պոխյոլայի այն անատամ ջադու տիրուհին, իսկույն սոճու կատարից փախցրեց արևը, փախցրեց լուսինը կեչու թեք ճյուղի վրայից և տարավ թաքցրեց Պոխյոլայի պնղձակուռ անձավների մեջ ու ասաց․
 +
 +
«Այլևս ո՛չ արևը, ո՛չ էլ լուսինը, եթե ես թույլ չտամ, չե՛ն լսուսավորի Վեյնեմեյնենի հայրենիքը՝ Կալեվալան»։
 +
 +
Այն ջադուն սակայն դրանով չբավականացավ, գնաց և Կալեվալայի օջախներից գողացավ֊փախցրեց կրակը, և ամեն օջախ ու տուն զրկեց կրակից, զրկեց լույսից։
 +
 +
Ու եղավ խավար գիշեր, Կալեվալան թաղվեց մթության մեջ։
 +
 +
Խավարը պատեց նաև երկինքը։ Մութն էր նաև բարձրյալ Աստծո, Ուկկոյի տունը։
 +
 +
Ապրելն այլևս անհնար էր․ մարդիկ արևի լույսին և կրակին կարոտ՝ տանջվում էին։
 +
 +
Ինքը, Ուկկո Աստվածն էլ շատ զարմացավ, երբ տեսավ, որ արևն ու լուսինը այլևս չեն լուսավորում։ Նայեց, նայեց ու չիմացավ, թե որտե՛ղ են թաքնված լուսատուները։
 +
 +
Բարկացավ Ուկկո Աստվածը, քաշեց հրեղեն թուրը և խփեց ամպերին․ հզոր հարվածից երկնքում շանթեր բռնկվեցին, կայծեր ցայտեցին։
 +
 +
Ինքը, երկնքի տեր Ուկկոն կայծը դրեց մի ոսկյա պարկի մեջ, պարկն էլ դրեց մի արծաթյա օրորոցի մեջ և այդ օրորոցը տվեց օդի դստերը։ Օդի դուստրը պետք է խնամեր, օրորեր արկղում պահած կայծը, այնպես որ նա դառնար նոր արեգակ, նոր լուսին։
 +
 +
Օդի դուստրը նստեց մի ամպի վրա, ոսկյա օրորոցը, որի մեջ կայծն էր, արծաթյա շղթայով կապեց երկնակամարին և սկսեց օրորել։ Բայց օդի դուստրը չգիտեր ինչպես օրորել, որ կայծը մեծանար և արև ու լուսին դառնար։ Օրորոցը ճոճվում էր երկնքի և երկրի մեջ ու կայծն ավելի էր բորբոքվում։ Աղջիկը կայծը գիրկն առավ, մի քիչ էլ օրորեց և հանկարծ կայծը պոկվեց նրա ձեռքերից և ցած գլորվեց։
 +
 +
Ահեղ որոտ լսվեց, օդեղեն տարածության դռները լայն բացվեցին և կայծը, բոցեր արձակելով, անցավ բոլոր իննը երկինքներից և, ճեղքելով ամպերը, մեծ աղմուկով սլացավ դեպի երկիրը։
 +
 +
Վեյնեմեյնենը տեսավ, թե ինչպես մի պահ լուսավորվեց երկինքը․ նա դիմեց Իլմարինենին․
 +
 +
«Եղբայր իմ, ճարտար դարբին, գնանք տեսնենք, թե դա ինչ կրակ էր, որ երկնքից իջավ երկրի վրա․ գուցե դա նոր արև է և նոր լուսին»։
 +
 +
Երկու հերոսները ճամփա ընկան, բայց ո՞ր կողմով գնան, որ հասնեն, գտնեն երկնային կայծը։
 +
 +
Հասան մի մեծ գետի, որն հոսում էր անտառի եզրով․ երկուսով անմիջապես մի նավակ սարքեցին և այն գետն իջեցնելով սկսեցին թիավարել։
 +
 +
Թիավարում էին Նևա գետի հոսանքով․ հանկարծ նրանց ձայն տվեց Իլմաթարը, օդեղեն բարձրունքների առաջնեկ, չքնաղ դուստրը։
 +
 +
«Ովքե՞ր եք դուք, ի՛նչ անունով են ձեզ կոչում ձեր հայրենիքում»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Մենք երկուսով էլ ծովագնացներ ենք։ Ես ծերուկ Վեյնեմեյնենն եմ, իսկ իմ ընկերոջ անունն է Իլմարինեն։ Իսկ դու ո՞վ ես, ինչպե՞ս է քո անունը»։
 +
 +
Կինը պատասխանեց․
 +
 +
«Ես օդեղեն տարածությունների դուստրն եմ և մայրն այն ամենի, ինչ կա աշխարհի վրա։ Ասեք ինձ, ով այրեր, ուր եք գնում»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Ահա՛ յոթ օր է, որ մենք զրկվել ենք լույսից ու կրակից։ Այս կողմերում կայծ է ընկել երկնքից, գնում ենք, որ փնտրենք֊գտնենք այդ կայծը և մեր աշխարհը լուսավորենք»։
 +
 +
Կինն այսպես պատասխանեց․
 +
 +
«Այնքան էլ հեշտ չէ գտնել այդ կայծը։ Երկնքից ընկնելով նա շատ վնասներ պատճառեց․ դաշտ ու անտառ, տուն և մառան, գոմ և ամեն շինություն այրել֊ոչնչացրել է․ ոչնչացրել է նաև այն բոլոր նոր տները, որ կառուցել էր Պալվոնեյնը։
 +
 +
Էլի շատ վատ գործեր արավ այդ կայծը։ Նա շատ աղջիկների դեմքն ու կուրծքն է այրել֊այլանդակել, շատ տղաների ծնկները և ծերունիների մորուքն  է խանձել֊այրել։
 +
 +
Երբ մայրն օրորոցին թեքված երեխան էր կերակրում, այդ չար կայծը ոճրագործի նման հարձակվում է օրորոցի վրա, այրում է երեխային․ մանկիկը մեռնում է, գնում անվերադարձ աշխարհը։ Ճիշտ է, բոլորի վերջը մահն է, բայց անմեղ երեխան անժամանակ հեռացավ կյանքից, այն էլ մինչ հոգին ավանդելը սոսկալի տանջվեց այրվածքներից։
 +
 +
Մոր կուրծքն էլ թեև ծանր այրվածքներ ստացավ, բայց դժբախտ մայրը չմեռավ․ նա կախարդանք արավ և կայծը դռան արանքից դուրս պրծավ, թռավ հասավ դաշտը»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը շտապով հարցրեց․
 +
 +
«Բայց որտե՞ղ թաքնվեց նա․ անտառի թավուտնե՞րն է մտել, թե գլորվել, ընկել է ծովը․ որտե՞ղ պիտի գտնել այդ կայծը, գտնել և հնազանդեցնել, որ նա մարդկանց օգտին ծառայի և ո՛չ թե բարիքներն այրի ու ոչնչացնի»։
 +
 +
Կինն այսպես պատասխանեց․
 +
 +
«Կայծն ընկնելով երկնքից, երբ շատ դաշտեր, անտառներ և տներ այրեց, վերջիվերջո գլորվելով եկավ֊ընկավ ծովը։ Ծովը փրփրեց, եռաց և հրեղեն ալիքները բախվեցին ափի ավազներին։ Ձկներն իրար անցան, չգիտեն ինչ անեն, որ փորձանքից ազատվեն․ մի քանի ձկներ փորձեցին կուլ տալ կայծը, բայց չկարողացան։ Վերջը սիգ ձուկը որսաց կայծը և կուլ տվեց։ Այդ ժամանակ ծովի ալեկոծումը դադարեց, ալիքները մեղմացան։ Բայց սիգ ձուկը հանգիստ չուներ, կայծն այնպես էր այրում նրա ներսը, որ խեղճ ձուկը թփրտում էր և չգիտեր ինչպես ազատվեր այդ փորձանքից։
 +
 +
Սիգը տանջվելով ու թփրտալով անցավ հարյուրավոր կղզիների և հրվանդանների մոտով, բայց տառապանքից ազատվելու ճար չկար։ Մի կղզի, հետո մի հրվանդան այսպես ասին․
 +
 +
«Մի՞թե այս ջրերում, այս անդունդներում չկա՞ մեկը, որ սպանի այս խեղճ ձկանը, կամ կուլ տա, որ նա ազատվի այս տանջանքներից»։
 +
 +
Կարմրախայտը լսեց այդ խոսքերը և սիգ ձկանը կուլ տվեց։ Քիչ անց Կարմրախայտն էլ սկսեց տառապել, թփրտալ․ կայծը նրա ներսն էր այրում, կեղեքում և սոսկալի ցավեր պատճառում։
 +
 +
Ակս ձուկն էլ լողալով շատ կղզիների և հրվանդանների մոտով անցավ, բայց ցավը չէր մեղմանում։
 +
 +
Նորից մի կղզի, հետո մի հրվանդան ասին․
 +
 +
«Մի՞թե այս ջրերում, այս անդունդներում չկա մեկը, որ սպանի այս խեղճ Կարմրախայտին կամ կուլ տա, որ նա ազատվի այդ սարսափելի տանջնաքներից»։
 +
 +
Գայլաձուկը լսեց այդ խոսքերը և կուլ տվեց Կարմրախայտ ձկանը, որը քիչ առաջ կուլ էր տվել սիգին՝ փորումը եղած կայծի հետ միասին։
 +
 +
Հիմա էլ գայլաձուկն սկսեց տանջվել․ պոչով խփում է ալիքներին, սուզվում է մինչև ծովի հատակը, հետո ահավոր աղմուկով սկսում է լողալ մեկ ափի մոտերքով, մեկ որորների հրվանդանի մոտերքով, մեկ էլ փաթ է տալիս հարյուրավոր կղզիների չորս բոլորը։ Բայց ճար չկա․ կայծն այրում է նրա փորոտիքը։ Մի կղզի, հետ մի հրվանդան այսպես ասին․
 +
 +
«Մի՞թե այս ջրերում, այս անդունդներում չկա մեկը, որ սպանի այս խեղճ Գայլաձկանը, կամ կուլ տա, որ նա ազատվի այդ սարսափելի տանջանքներից»։
 +
 +
Եվ Իլմաթարը խորհուրդ տվեց դյուցազուններին որսալ գայլաձուկը և փորից հանել կայծը։
 +
 +
Դյուցազունները շտապ մի ուռկան սարքեցին։ Ուռկանը ճիլոպից էր և փշատերևից․ սարքեցին և ծովը գցեցին, բայց այդ թույլ ցանցերի մեջ ընկնում էին միայն փոքրիկ ձկներ։
 +
 +
Այն ժամանակ մի գայլաձուկ ասաց մյուսին․
 +
 +
«Այս ի՞նչ է, Կալեվալայում բոլոր քաջ տղամարդիկ մեռա՞ն․ ուր են այն կտրիճները որ վուշից ուռկան էին սարքում և ամեն տեսակ խոշոր ձկներ որսում»։
 +
 +
Լսեց այդ Վեյնեմեյնենն ու ասաց․
 +
 +
«Ոչ, Կալեվալայի քաջերը չեն մեռել, նրա հերոսներն ապրում են։ Թե մեկը մեռնում է, երկուսն են ծնվում․ նրանք շատ լավ կարթաձողեր ունեն և կարող են ամուր ու դիմացկուն ուռկա՛ն էլ սարքել և ամե՛ն տեսակ խոշոր ձկներ որսալ»։
 +
 +
 +
==Ռունա ԽԸ==
 +
 +
Կալեվալայի դյուցազունները մեծ֊դիմացկուն ուռկան են սարքում և որսում են Գայլաձկանը, որ կուլ է տվել երկնքից ընկած կայծը
 +
 +
 +
Իմաստուն Վեյնեմեյնենը շատ ծանր ու թեթև արավ՝ որտեղի՞ց գտնել վուշի թելեր, որ դիմացկուն և սովորականից հարյուր անգամ մեծ ուռկան սարքի, որ այդ գայլաձկանը բռնի, սպա՛նի, կայծը փորից հանի։ Այսպես խոսեց ծերուկը․
 +
 +
«Ինչ էլ լինի պետք է մի հողակտոր գտնել, վուշ ցանել, աճեցնել֊հնձել, որպեսզի մեծ ուռկան սարքեմ և որսամ գայլաձուկը»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը խարխափելով, այրված դաշտում, երկու կոճղերի մոտերքում գտավ մի հողակտոր, ուր առաջ վուշ էր ցանված եղել։ Փորեց֊փորփրեց և գետնի տակից վուշի սերմեր գտավ։
 +
 +
Այդտեղ այրված ծառերից ու նավակներից բավական մոխիր էր գոյացել․ ծերուկը մոխիրը խառնեց հողին, պարարտացրեց և այդ պարարտ հողում վուշի սերմերը ցանեց։
 +
 +
Ամառվա գիշերվա ընթացքում վուշն աճեց, փարթամացավ, առատ բերք տվեց․ շուտով քաղեցին և սկսեցին մշակել։
 +
 +
Աղջիկները թելեր քաշեցին, ծերունիները հաստ պարաններ պատրաստեցին։ Եվ այդ թելերից ու պարաններից հինգ հարյուր սաժեն լայնությամբ ուռկան գործեցին, յոթ հարյուր սաժեն երկարությամբ պարաններ հյուսեցին։ Ուռկանին քարեր և տախտակներ կապեցին։
 +
 +
Վեյնեմեյնենն իր դյուցազուններով ուռկանը ծովը գցեց։ Ամեն տեսակ ձուկ ընկավ ուռկանի մեջ, բայց այն մեծ ձուկը, որի համար սարքեցին ուռկանը, դեռ մոտ չէր գալիս։ Էլի մի քանի անգամ փորձեցին, բայց Գայլաձուկն անորսալի մնաց։
 +
 +
Ծերունի երգասացն այսպես խոսեց․
 +
 +
«Ո՜վ դու Վելլեմո, ծովերի Աստված և դու Ախտո, անդունդների տիրակալ, օգնի՛ր մեզ բռնել ձկան, ձեռքդ առ երկար փայտը և ձկները քշիր դեպի ուռկանը, քշիր ծովածոցերից, քշիր անդունդներից, քշիր ամեն կողմից, օգնի՛ր մեզ տիրանալ երկնքից առաքված կրակին»։
 +
 +
Այդ ժամանակ ծովի ալիքների վրա երևաց մի պատանի․ տեսքով պատանի, բայց՝ դյուցազուն ամենակարող․ նա ասաց․
 +
 +
«Դուք ուզում եք, որ մեկն ու մեկը ձուկը դեպի ուռկա՞նը քշի, մեծ մահակով ծո՞վը խառնի»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Այո՛, մեզ պետք է մեկը, որ այն մեծ մահակը ձեռքն առնի և ձուկը դեպի ուռկանը քշի»։
 +
 +
Պատանի դյուցազնը մեծ մահակը ձեռքն առավ, ծովը մտավ և հարցրեց․
 +
 +
«Ամբողջ ուժո՞վս բանեցնեմ մահակը, որ ձկները դեպի ցանցը քշեմ, թե՞ սովորականի նման աշխատեմ»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․
 +
 +
«Թե որ սովորականի նման էլ ձկները քշես դեպի ցանցը, դա էլ բավական է»։
 +
 +
Փոքրիկ դյուցազնը սկսեց աշխատել այնպես, ինչպես սովորաբար աշխատում էր, և ձկները վտառներով դեպի ցանցը լողացին։
 +
 +
Նավակը թիավարում էր Իլմարինենը, իսկ Վեյենեմեյնենը, որ ուռկանը փռել էր ծովի վրա, այժմ սկսեց այն դեպի ափը քաշել։ Քաշե՜ց, քաշե՜ց և ուրախացած ասաց․
 +
 +
«Արդեն շատ ձկներ են ընկել ցանցը։ Եվ ամենից շատ այնտեղ, որտեղ ուռկանը վեր եմ ձգել, իսկ տախտակները ներքև իջեցրել»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը, երբ արդեն ուռկանն ամբողջովին դեպի ափը քաշեց, շատ տեսակի ձկներ հանեց միջից․ վերջապես հանեց նաև Գայլաձուկը, որին բռնելու համար այդ մեծ ուռկանը սարքեցին։
 +
 +
Ծերուկն այսպես խոսեց․
 +
 +
«Արդյոք առանց երկաթե ձեռնոցների կարո՞ղ եմ այս ձուկը մորթել և կայծը փորիցն հանել»։
 +
 +
Արևի որդին հայտնվեց և ձայն տվեց․
 +
 +
«Ես անմիջապես այս ձկան փորը կճեղքեի, եթե հայրական դանակը ձեռքս ունենայի»։
 +
 +
Անմիջապես երկնքից ոսկե բռնակով մի պողպատյա դանակ ընկավ և ուղղակի քաշ ընկավ արևի որդու գոտկատեղից։
 +
 +
Արևի  խիզախ որդին անմիջապես դանակը ձեռքն առավ, լայնաբերան Գայլաձկան մարմինը կտրտեց և փորից հանեց Կարմրախայտ ձուկը։ Տղան պատռեց նաև Կարմրախայտի փորը և այնտեղից հանեց մի գնդիկ՝ կապույտ ծածկոցով․ ծածկոցը քանդեց, երևաց մի ուրիշ՝ կարմիր ծածկոց․ կարմիր ծածկոցն էլ ետ տվեց և հանեց այն կայծը, որ ընկել էր իններորդ երկնքից, երկիր էր հասել թանձր ամպերի միջով։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյենեմեյնենը մտածեց, ինչպե՞ս անի, որ կայծը հայրենի աշխարհն հասցնի, երկիրը լուսավորի, օջախները տաքացնի։
 +
 +
Բայց այդ պահին կայծն արևի որդու ձեռքից դուրս թռավ, Վեյնեմեյնենի մորքուն այրեց, բայց ավելի ուժեղ այրեց Իլմարինենի դեմքը, ձեռքերը և մարմինը։
 +
 +
Կայծն ապա սլացավ առաջ, այրեց այն ամենը՝ ծառ, անտառ, արտ, ինչ որ լրիվ չէր այրել երկնքից ընկնելու պահին։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը գնաց կայծի ետևից․ գնա՜ց, գնա՜ց և վերջապես տեսավ, որ կայծը թաքնվել է լաստենու փթած փչակում։ Եվ երգասացը խոսեց․
 +
 +
«Ով կայծ, դու կենարար լուսատու, որ ստեղծված ես բարձրյալի կամքով, իզուր ես փախչում մեզանից։ Լավ է, որ թույլ տաս քեզ տանեմ մեր խրճիթները, քեզնով տաքացնեմ մեր վառարանները․ տանեմ, որ մեզ ջերմացնես, մեր տները լուսավորես․ տանեմ, որ ցերեկները վառարանում կեչիների կտորտանքը բոցավառես, իսկ գիշերներն անթեղվես տաք ածուխի տակ և հանգստանաս»։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենը մի պղնձե աման սարքեց, մեջը դրեց կայծը, որը ձեռք բերելու համար այնքա՜ն դժվարություններ քաշեց, և տարավ իր հայրենի օջախները տաքացրեց․ մթամած տները լուսավորեց։
 +
 +
Իսկ այդ պահին Իլմարինենը, որ տանջվում էր կայծի այրվածքներից, վազեց հասավ ծովափ և այսպես խոսեց․
 +
 +
«Ով դու կայծ, երկնային լուսատուի զավակ․ ինչո՞ւ ես այդպես զայրացած, ինչո՞ւ այրեցիր իմ դեմքը, ազդրերս ու մեջքս։ Ի՞նչ անեմ, որ վերքերը բուժվեն, որ ես այլևս չտանջվեմ այս սոսկալի այրվածքներից»։
 +
 +
Ապա դիմեց բարձրյալին․
 +
 +
«Ով դու մեծազոր Աստված Ուկկո, ամպեր առաքիր արևելքից և արևմուտքից, թող ձյուն տեղա, որ գոնե այրվածքներս զովությունից մեղմանան։ Տուր ինձ այնպիսի բալասան, որ քսեմ այրվածքներիս և ես բուժվեմ, ազատվեմ այս տանջող ցավերից»։
 +
 +
Եվ աստծուց առաքված դեղերով Իլմարինենի ցավերը մեղմացան․ շուտով ապաքինվեց այրվածքներից, կրկին նույն ուժեղ, նույն ճարտար դյուցազնը դարձավ։
 +
 +
 +
==Ռունա ԽԹ==
 +
 +
Իլմարինենը կռում֊կոփում է նոր լուսին և արև, բայց նրանք չեն լուսավորում։ Վեյնեմեյնենը գուշակությամբ իմանում է, թե պառավ Լոուխին որտեղ է թաքցրել լուսինն ու արևը։ Կալեվալայի հերոսները մեծ ջանքերով երկնքի լուսատուներին ազատում են բանտ֊քարայրից
 +
 +
 +
Մռայլ էր սակայն հայրենի աշխարհը։ Արևն ու լուսինը չէին լուսավորում Կալեվալան։ Հայրենի դաշտերը ցրտահար եղան, անասունները հիվանդացան, հյուծվեցին։ Մարդիկ շատ տխուր էին․ թռչուններն այլևս չէին գեղգեղում։ Չէ՛, անհնար էր ապրել առանց ջերմ արևի, անհնար էր կյանքն առանց լուսնի արծաթյա շողերի։
 +
 +
Ձուկը գիտեր, թե որ փոսում պետք է ձկնկիթ թափեր, արծիվը գիտեր, թե որ ճամփով պետք է հասներ իր ձագերին, քամին նավակին ուղղություն էր տալիս, ինչպես միշտ, միայն մարդիկ չգիտեին մշուշապատ առավո՞տ է, թե՞ խավար գիշերն է արդեն իջել երկրի վրա։
 +
 +
Ծեր ու մանուկ սկսեցին մտածել, նրանց հետ նաև աղջիկները, ինչպե՞ս ապրեն Հյուսիսային այդ տափաստաններում, որ հիմա այդքան մռայլ է ու անլույս։ Եվ ահա՛ նրանք գնացին դարբին Իլմարինենի մոտ և ասացին․
 +
 +
«Ով դու ճարտար դարբին, տաք վառարանի կողքը պառկելու ժամանակը չէ, վեր կաց և քո դարբնոցում մեզ համար նոր արև և նոր լուսին սարքիր, թե չէ այսպես անարև, անլուսին այլևս հնարավոր չէ ապրել»։
 +
 +
Դարբինը գնաց դարբնոց, հնոցը ջեռացրեց և գործի անցավ։
 +
 +
Վեյնեմեյնենը մոտեցավ դարբնոցի դռանը և հարցրեց․
 +
 +
«Եղբայր իմ Իլմարինեն, այդ ի՞նչ ես սարքում․ մուրճիդ ձայնն անընդհատ լսվում է, այդ ի՞նչ ես կոփում»։
 +
 +
Դարբինը պատասխանեց․
 +
 +
«Ոսկուց լուսին եմ պատրաստում, արծաթից՝ արեգակ, որ տանեմ հանեմ ամենաբարձր տեղը, մինչև երկինք, որ մեր աշխարհին լույս տամ»։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Ո՛հ, ճարտար դարբին, դու մի գործ ես սկսել, որից ոչ մի օգուտ չի լինի․ ոսկին լուսին չի դառնա, ոչ էլ արծաթից արև կստացվի»։
 +
 +
Դարբինը համառեց, քափ ու քրտնքի մեջ մտած աշխատեց՝ կոփեց֊սարքեց լուսին ու արև։ Տարավ լուսինը դրեց սոճու ամենաբարձր կատարին, արևն էլ եղևնու սաղարթին։
 +
 +
Բայց ոչ լուսինը փայլեց, ոչ էլ արևը լույս տվեց։
 +
 +
Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Պետք է հմայություն անել և իմանալ, թե որտեղ է թաքցնված արեգակը, ո՞ւր է անհայտացել լուսինը»։
 +
 +
Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը լաստենուց տաշեղներ պոկեց, իրար ետևից դարսեց, ապա խառնեց իրար, կրկին դասավորեց և այսպես խոսեց․
 +
 +
«Բարձրյալից խնդրում եմ, թող մի նշանով ինձ ցույց տա, թե որտե՞ղ է թաքնված արեգակը, ո՞ւր է անհայտացել մեր լուսինը։ Ո՛հ, տեր, մի ստույգ նշանով ցույց տուր ինձ, հայտնիր գաղտնիքը»։
 +
 +
Եվ ահա՛ ստույգ նշաններ երևացին տաշեղների վրա․ իմաստուն ծերունին իմացավ, որ արևն ու լուսինը ամուր փականքի տակ պահվում են Պոխյոլայի քարանձավում։ Նա անմիջապես ճամփա ընկավ դեպի մշուշապատ Պոխյոլա։ Գնաց մեկ օր, երկու օր, վերջապես երրորդ օրը հասավ այն մռայլ Պոխյոլան։ Երևացին քար֊ապառաժներ․ բայց դիմացը մեծ֊լայնահուն գետն էր․ երգասացը ձայն տվեց․
 +
 +
«Ինձ մի նավակ տվեք, որ ես գետն անցնեմ»։
 +
 +
Բայց ոչ ոք չլսեց ծերունուն։ Այն ժամանակ նա իրար վրա հավաքեց ծղոտներ ու փայտի կտորտանքներ և այն կայծով, որ ընկել էր երկնքից, խարույկ սարքեց։ Բոցը բորբոքվեց և ծուխը ցրվեց ամեն կողմ։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին նկատեց այդ և ասաց․
 +
 +
«Այդ ի՞նչ բոց է գետի ափին․ թե պատերազմի են եկել, այդ խարույկը փոքր է, թե ձկնորսներն են կրակ արել՝ շատ է»։
 +
 +
Պոխյոլացի մի տղա նայեց խարույկի կողմը և ասաց․
 +
 +
«Գետից այն կողմը ես տեսնում եմ մի զորեղ դյուցազն»։
 +
 +
Ձայն տվեց Վեյնեմեյնենը․
 +
 +
«Ով դու Պոխյոլայի զավակ, ինձ մի նավակ հասցրու»։
 +
 +
Տղան պատասխանեց․
 +
 +
«Այստեղ ազատ նավակ չկա․ մատներդ թիեր դարձրու, ձեռքերդ ղեկ և գետն անցիր»։
 +
 +
Վեյնեմեյնենն ինքն իր խոսեց․
 +
 +
«Տղամարդ չէ նա, ով իր բռնած ճամփից ետ է դառնում»։
 +
 +
Եվ ձկան կերպարանք առնելով գետը մտավ ու լողալով հասավ մյուս ափը։
 +
 +
Պոխյոլայի անպիտան երեխաները նրա դեմը ելան և ասին․
 +
 +
«Արի, մեր խրճիթը մտիր»։
 +
 +
Ծերունին խրճիթը մտավ և ի՜նչ տեսնի․ զինված մարդիկ՝ որը թուրը մեջքին, որը տապարը գոտիկից կախած նստել մեղր են խմում և մտքիններն այն է, որ Վեյնեմեյնենին, Կալեվալայի հերոս Սուվանտոլյանենին սպանեն։ Նրանք այսպիսի հարց տվին եկվորին․
 +
 +
«Քո ասածն ի՞նչ է, ով երգասաց, ասելիքդ ասա՛, լսե՛նք, ով դու հերոս֊լողորդ»։
 +
 +
Ծերուկը պատասխանեց․
 +
 +
«Ինչ որ ասելու եմ, արևի և լուսնի մասին պիտի ասեմ․ ես երկնային լուսատուների մասին ձեզ շատ հրաշքներ կպատմեմ, միայն թե ասեք, որտե՞ղ է թաքնված արեգակը, ո՞ւր է անհայտացել մեր լուսինը»։
 +
 +
Երեխաներն շտապեցին պատասխանել․
 +
 +
«Արևն ու լուսինը ժեռ ապառաժների մեջ են, երկաթով հարուստ լեռների խորքում, բայց այնտեղից նրանք չեն կարող դուրս գալ, եթե Պոխյոլայի տիրուհին թույլ չտա»։
 +
 +
Վեյնեմեյնենը դիմեց զինված պոխյոլացիներին․
 +
 +
«Եթե դուք լուսինը չեք ազատի քարանձավից, եթե արևը չեք ազատի երկաթապատ ժայռերի միջից, ապա պատասխան տվեք իմ ահեղ թրին»
 +
 +
Ասաց և սուրը քաշեց, այն երկսայր սուրը, որ կոփել էր Իլմարինենը, որի վրա այսպիսի զարդեր կային՝ մեջտեղը արև, մի կողմը լուսին, մյուս կողմից աստղեր, ներքևի մասում վրնջացող ձի էր, վերևում մլավող կատու և հաչող շուն։
 +
 +
Լոուխիի մարդիկ ևս թրերը քաշեցին․ նախ չափեցին, թե ում սուրն է երկար։ Վեյնեմեյնենի թուրը մի ծղնոտի չափ երկար էր։
 +
 +
Եվ ահա՛ բոլորը դաշտ ելան․ Դյուցազն Վեյնեմեյնենը թունդ կռվի բռնվեց Պոխյոլայի ավազակների դեմ։ Մեկ զարկեց, երկու զարկեց, շատերի գլուխը թռցրեց այնպես, ինչպես շաղգամի գլուխը կամ հասկն են թռցնում մեկ հարվածով։ Եվ այսպիսով նա ջադու Լոուխիի մարդկանց ցիր ու ցան արավ։
 +
 +
Այնուհետև դյուցազնը գնաց հասավ երկաթով լեցուն ժայռերին, վերջապես գտավ անձավը, ուր ջադուն թաքցրել էր արևն ու լուսինը։ Թուրը քաշեց, խփեց դռներին, բայց դռները շատ ամուր էին փակված․ ոչ դուռը, ոչ էլ հարյուր սողնակը, որոնք պահում էին դռները, տեղից չշարժվեցին․ մեկ էլ խփեց, հազիվ մի փոքր ճեղք բացվեց։ Ճեղքից ներս նայեց և տեսավ, որ թունավոր օձեր են այնտեղ վխտում․ նորից փորձեց բացել, բայց անհնար էր առանց տապարի և լինգերի։
 +
 +
Ծերուկն անմիջապես տուն վերադարձավ․ շատ տխուր էր, գլուխը կախ, որ չկարողացավ անձավից հանել արևն ու լուսինը։
 +
 +
Լեմմինկայնենը տեսավ երգչին և երբ ամեն ինչ իմացավ, ասաց․
 +
 +
«Ով դու ծերուկ Վեյնեմեյնեն, ինչո՞ւ ինձ հետդ չտարար․ ես կջարդեի բոլոր դռները, երկու մաս կանեի բոլոր սողնակները, թաքստոցից կազատեի արևն ու լուսինը»։
 +
 +
Վեյնեմեյնենն ասաց․
 +
 +
«Խոսքով ոչ դուռ կջարդես, ոչ սողնակ կփշրես․ բռունցքներն էլ քիչ են այդ գործի համար»։
 +
 +
Ծերուկը գնաց դարբնոց և այսպես խոսեց․
 +
 +
«Ճարտար դարբին Իլմարինեն, սարքիր ինձ համար մի զորեղ եռաժանի, կոփիր լինգեր, ամուր շղթաներ և բանալիներ ամեն տեսակ, որ գնամ բերեմ արևն ու լուսինը»։
 +
 +
Դարբինն սկսեց կոփել ինչ որ պատվիրեց իմաստուն ծերուկը․ տասը հատ եռաժանի, մի կապոց բանալիներ և մեկ դյուժին լինգեր։
 +
 +
Ջադու Լոուխին, Պոխյոլայի ատամնաթափ տիրուհին, մեջքին և ազդրերին թևեր կպցրեց ու թռավ հասավ Կալեվալա։ Ուզում էր իմանալ ի՛նչ են անում այնտեղ։
 +
 +
Այդ պահին դարբինը լուսամուտից դուրս նայեց և թվաց, թե փոթորիկ է բարձրացել, բայց մեկ էլ նայեց տեսավ՝ չէ՛, գորշ անգղն է մոտենում դարբնոցին․ հարցրեց․
 +
 +
«Այ թռչուն, ի՞նչ գործ ունես այստեղ, ինչո՞ւ ես նստել իմ դարբնոցի լուսամուտին»։
 +
 +
Թռչունի կերպարանք առած ջադուն այսպես պատասխանեց․
 +
 +
«Ով դարբին Իլմարինեն, իրոք, որ դու շատ ճարտար և հմուտ վարպետ ես»։
 +
 +
Դարբինը պատասխանեց․
 +
 +
«Ինչ կա զարմանալու․ ես որ Սամպոն կառուցեցի, ես որ արև ու լուսին կոփեցի, ուրեմն հմուտ դարբին եմ»։
 +
 +
Եվ այն գորշ թռչունի կերպարանք առած պառավն հարցրեց․
 +
 +
«Բայց ասա, ի՞նչ ես հիմա սարքում, գուցե թե մի նոր զենք ես հնարում»։
 +
 +
Իլմարինենը պատասխանեց․
 +
 +
«Ես ամուր վզկապ եմ կոփում Պոխյոլայի նենգ տիրուհու համար։ Ժայռի կողին պիտի գամել այդ ջադուն»։
 +
 +
Պոխյոլայի տիրուհին հասկացավ, որ մեծ աղետ է գալու իր գլխին, սարսափած վերադարձավ իր երկիրը։
 +
 +
Լուսինը հանեց ժայռի խորքից, արևն հանեց բանտ քարայրից։
 +
 +
Ջադուն այս անգամ աղավնու կերպարանք առավ, թռավ հասավ Իլմարինենի դարբնոցին և նստեց դռան առաջ։ Դարբինն հարցրեց․
 +
 +
«Այ աղավնյակ, դու ինչո՞ւ ես եկել իմ տան շեմը»։
 +
 +
Աղավնու կերպարանք առած ջադուն պատասխանեց․
 +
 +
«Ես քո տան շեմն եմ եկել, որ ուրախ լուր հաղորդեմ․
 +
 +
Լուսինն է ելել ժայռի խորքից, արևն է ելել բանտ֊քարայրից»։
 +
 +
Այնժամ Իլմարինենը իր դարբնոցի շեմն ելավ, որ տեսնի թե ինչ է կատարվել։ Ելավ և աչքերն հառեց երկնքին։ Եվ ի՞նչ տեսնի․ նորից լուսինն է այնտեղ փայլում, նորից արևն է շողեր արձակում։
 +
 +
Եվ նա գնաց ծեր երգչի մոտ և այսպես խոսեց․
 +
 +
«Ո՛վ դու հավերժական երգասաց ծերուկ Վեյնեմեյնեն․ դուրս եկ ու աչքերդ հառիր երկնքին։ Լուսնյակն էլ, արևն էլ նորից երկնքումն են, իրենց սովորական տեղում»։
 +
 +
Վեյնեմեյնենը երկնքում նորից վերահաստատված տեսնելով արևն ու լուսինը երգում է․
 +
 +
<poem>
 +
«Բսրև՜, բարև՜ արծաթ լուսին, նորից տեսանք դեմքդ չքնաղ։
 +
Բարև՜, բարև՜, ոսկե արև, նորից ծագում ես շողալով։
 +
Ելար լուսին քո բանտ ժայռից, ելար արև մութ քարայրից․
 +
Ինչպես կկուն ոսկեփետուր, աղավնու պես,
 +
― արծաթազօծ։
 +
Այժմ նորից ձեր տեղումն եք, մտաք նորից ձեր հին ճամփան։
 +
 +
Այս օրվանից հուր֊հավիտյան, ծագիր արև առավոտ վաղ,
 +
Երջանկացրու օրն ամենայն, որ աճի մեր ունեցվածքը,
 +
Որ տեր լինենք մեր որսերին, ձուկը մոտ գա մեր կարթերին։
 +
Անցիր բարով դու քո ճամփան, ծագեիծագ փառավորվիր,
 +
Երթդ ավարտիր սքանչելի, և քուն մտիր գիշերն հանգիստ»։
 +
</poem>
 +
 +
 +
Կալեվալան, Վեյնեմեյնենի հայրենիքը, ամբողջ ժողովուդը ցնծագին երգեր երգեց իր հաղթության համար, իր դյուցազունների փառքը փառաբանեց ծագեիծագ։
 +
 +
 +
==Ռունա Ծ==
 +
 +
Մարյատտան ծնում է արու զավակ։ Ծերուկ Վեյնեմեյնենը մկրտում է մանկանը իբրև Կարելիայի ապագա թագավոր։ Վեյնեմեյնենը զայրացած հեռանում֊հասնում է այնտեղ, ուր երկինքն ու երկիրը միանում են իրար և կանխագուշակում է, թե ինքը հետագայում էլ պետք կգա իր ժողովրդին, որ նոր Սամպո կառուցի, նոր Կաանտելե սարքի և լույս տա իր հայրենիքին
 +
 +
 +
Անդադրում թավալվում էր ժամանակի մշտահոլով անիվը։
 +
 +
Կալեվալայում աշխարհ եկավ այն չքնաղ աղջիկը՝ Մարյոտտան։ Ապրեց ու մեծացավ նա իր հարուստ հոր տանը, սիրող մոր գորովալից շնչի տակ։ Նա գեղեցիկ մատանիներ ուներ մատներին, սիրունիկ ապարանջաններ իր փափլիկ բազուկներին։ Հագնում էր զգեստներ ամենանուրբ հյուսվածքներից և գեղեցիկ զարդերը փայլփլում էին նրա կուսական կրծքին․ հագնում էր գեղեցիկ կոշիկներ և անուշիկ դստրիկը հորական տան շեմքից չէր հեռանում։
 +
 +
Գեղեցկուհի Մարյոտտան շատ համեստ ու ամոթխած էր․ ուտում էր համեղ ձկներ և արմատապտուղներ․ երբեք ձու չէր ուտում, որովհետև հավին ընկերություն էր անում աքլորը․ ոչխարի միս չէր ուտում, որովհետև ոչխարին ընկերություն էր անում ղոչը։
 +
 +
Մայրը ցանկանում էր նրան ուղարկել կաթ կթելու, աղջիկը չէր ուզում, ասում էր․
 +
 +
«Ես այնպիսի աղջիկ չեմ, որ կովի պտուկները բռնեմ, չէ՞ որ դրանց հետ խաղ է արել ցուլը»։
 +
 +
Հայրը ուզում է, որ տեղ գնալիս աղջիկը հովատակին նստի, աղջիկը չի ցանկանում։ Եղբայրը բերում է զամբիկ, աղջիկը դարձյալ չի ցանկանում, ասում է․
 +
 +
«Զամբիկն ընկերություն է արել հովատակի հետ․ բերեք մեկ ամսական անմեղ հովատակ»։
 +
 +
Չքնաղ Մարյատտան ապրում էր իբրև մաքուր կույս֊աղջիկ։ Հայրը նրան գործի դրեց․ իրենց գառնուկներն էր նա տանում արոտները, խնամում։ Դաշտում լսում էր կկուների երգը, ոսկեղենիկ թռչունների ճռվողյունը։
 +
 +
Մի օր էլ դաշտ գնալիս մտավ մի պուրակ, ուր առատ պտուղներ կային։ Կկուները կրկին սկսեցին ճռվողել։ Աղջիկն հարցմունք արավ․
 +
 +
«Իմ անուշիկ կկու, երգի՛ր, շատ հաճելի է լսել քո ձայնը, բայց ասա, ես դեռ շա՞տ ժամանակ պիտի ասյպես ազապ մնամ և դաշտերում ու անտառներում գառներ արածացնեմ։ Ինչքա՞ն պիտի սպասեմ, որ ամուսնանամ։ Մե՞կ, թե երկո՞ւ տարի, հի՞նգ, թե՞ վեց տարի․ գուցե տաս տարի՞ սպասեմ, կամ էլ թե չէ, թերևս, երկար սպասելու կարիք չլինի»։
 +
 +
Բայց կկուն շարունակում էր երգել և աղջիկը պատասխան չստացավ։
 +
 +
Յոթ օր էր արդեն ինչ գեղեցկուհին գառնարած էր դարձել։ Հեշտ չէր նրա համար գառնարածությունը։ Լորտուներ են սողում դաշտերում, մողեսներ են վխտում չորս կողմ։
 +
 +
Մի օր նա հասավ մի բլուրի․ այնտեղ ոչ օձեր կային, ոչ էլ մողեսներ․ բլուրի վրա աճել, հասունացել էր հապալասի սիրունիկ պտուղը։ Պտուղն ասաց աղջկան․
 +
 +
«Ով դու չքնաղ, ոսկյա քամարով կույս աղջիկ, պոկիր ինձ, թե չէ ինձ որդը կուտի։ Այստեղից հազարից ավելի կին ու աղջիկ են անցել, բայց ոչ ոք ինձ ձեռք չի տվել»։
 +
 +
Աղջիկը մոտեցավ բլուրին․ շիվով ցած գցեց պտուղը․ պտուղն ընկավ նրա կոշիկին․ այնտեղից թռավ նրա մաքուր ծնկանը, մաքուր ծնկից թռավ զգեստի փեշին, այնտեղից էլ հասավ քամարին, հետո կրծքին, կրծքից էլ թռավ դնչին, այնտեղից էլ ուղղակի շրթունքներին, հետո լեզվի վրա և կուլ գնաց։
 +
 +
Եվ այն չքնաղ կույս Մարյատտան այդ պտուղից հղիացավ։
 +
 +
Անցան օրեր․ խեղճ աղջիկն այլևս առանց քամարի էր ման գալիս, թաքուն բաղնիք էր գնում, հարազատների աչքին չէր ուզում երևալ։
 +
 +
Մայրն ինքն իրեն այսպես էր խոսում․
 +
 +
«Ի՞նչ է պատահել իմ սիրունիկ Մարյատտային, ինչո՞ւ է առանց քամարի ման գալիս․ ինչո՞ւ է գաղտնի բաղնիք գնում, թաքնվում տնեցիներից»։
 +
 +
Մայրը դեռ չգիտեր պատճառը։
 +
 +
Անցան ամիսներ․ լրացավ իննը, մտավ տասներորդը և աղջիկը կողերում ցավեր զգաց, սկսեց շատ խիստ տանջվել․ դիմեց մորը․
 +
 +
«Իմ թանկագին մայր, բաղնիքը տաքացրու, թող որ գամ այնտեղ տաքանամ, որ ազատվեմ ինձ տանջող ցավերից»։
 +
 +
Մայրը բարկացավ և ասաց․
 +
 +
«Կորի՛ր աչքիցս, անամոթ աղջիկ, պատասխան տո՛ւր ինձ, ո՞ւմ հետ ես սիրաբանել․ ամուրի էր նա, թե ամուսնացած մի կտրիճ»։
 +
 +
Աղջիկը, այն չքնաղ գեղեցկուհին պատասխանեց․
 +
 +
«Ես ոչ ամուրիի հետ եմ սիրաբանել, ոչ էլ ամուսնացած մարդու հետ եմ հանդիպել․ ես գնացի դաշտը, ուզեցի հապալասի պտուղ պոկել․ պտուղը դրի բերանս, կարծես թե սովորական պտուղ էր, բայց երբ կուլ տվի, տեսա, որ հղիացել եմ»։
 +
 +
Մայրը չհավատաց։ Աղջիկը գնաց հոր մոտ, ասաց․
 +
 +
«Իմ սիրելի հայրիկ, ինձ մի տաք տեղ տուր որ մի քիչ հանգստանամ, որ ազատվեմ ինձ տանջող ցավերից»։
 +
 +
Հայրն այսպես խոսեց․
 +
 +
«Հեռացի՛ր աչքիցս, ով դու անառակ աղջիկ, գնա մտիր արջի որջը, գնա այնտեղ ծնիր, այնտեղ էլ մահդ գտիր»։
 +
 +
Այն չքնաղ աղջիկն իմաստուն խոսքերով պատասխանեց հորը․
 +
 +
«Ես բնավ էլ անառակ չեմ, և երբե՛ք էլ չեմ դառնա արհամարհելի։ Ես մեծ և ազնվաբարո հերոս կծնեմ, այնպիսի հերոս, որ իր ուժով կգերազանցի ծերուկ֊երգասաց Վեյենեմեյնենին»։
 +
 +
Խեղճ աղջիկն էլի թափառեց, որ մի տաք անկյուն գտնի․ վերջը հանդիպեց այն փոքրիկ բարեծնունդ աղջկան, որի անունն էր Պիլտտի։
 +
 +
«Ով դու փոքրիկ Պիլտտի, դու ամենից ազնիվը աղախինների մեջ, գնա գյուղը և Սառա գետի մոտ ապրողներից մեկին խնդրիր, որ ինձ տաք տեղ տա, որ ես ազատվեմ ինձ տանջող ցավերից»։
 +
 +
Պիլտտին հարցրեց․
 +
 +
«Բայց ո՞ւմ պիտի խնդրեմ, ո՞վ կարող է քեզ օգնության հասնել»։
 +
 +
Մարյատտան այն բարի աղջկանն ասաց․
 +
 +
«Այնտեղ ուր Սառա գետը թեքվում է, այնտեղ է ապրում Ռուօտուսը․ հենց նրա տունն էլ գնա և խնդրիր, որ ինձ իր տունն ընդունի»։
 +
 +
Բարի աղջկան շատ խնդրելու կարիք չկար․ անմիջապես շորերի փեշերն հավաքեց և ինչպես գոլորշի թռավ֊հասավ Սառա գետի ափին գտնվող խրճիթը, Ռոուօտոսի տունը։
 +
 +
Տանտերը, վուշից գործած շապիկը հագին, նստած էր սեղանի մոտ և ախորժակով ուտում֊խմում էր․ նա հպարտ և անբարտավան տոնով հարցրեց․
 +
 +
«Հե՜յ, անպիտան աղջիկ, այս որտեղի՞ց լույս ընկար․ ի՞նչ ունես ասելու»։
 +
 +
Փոքրիկ Պիլտտին պատասխանեց․
 +
 +
«Ես եկել եմ խնդրելու, որ բաղնիքը տաքացնեք և մի խեղճ աղջկա օգնեք, որ նա ազատվի ցավերից»։
 +
 +
Այստեղ լնգլնգալեն վրա հասավ տանտիրոջ կինը և սկսեց հարց ու փորձ անել․
 +
 +
«Այ աղջիկ, ո՞ւմ համար ես ուզում բաղնիքը տաքացնենք, ո՞ւմ պիտի օգնենք»։
 +
 +
Պիլտտին պատասխանեց․
 +
 +
«Ես շատ եմ խնդրում, օգնեք Մարյատտային, որ նա ազատվի տանջող ցավերից»։
 +
 +
Ռուօտուսի կինը պատասխանեց․
 +
 +
«Ես անառակ աղջկա համար բաղնիք չունեմ․ թող կորչի գնա նոճիների անտառը․ այնտեղ մի գոմ կա, գոմում էլ ձի է կապած․ անառակի տեղն այնտեղ է․ ձին իր բերնի գոլորշիով տաքացնում է գոմը․ թող այդ աղջիկը գնա և լողանա այդ գոլորշու մեջ»։
 +
 +
Պիլտտին, ինքան ուժ կար ոտքերում, վազեց հասավ Մարյատտային ու ասաց․
 +
 +
«Ռուօտուսի կինը չի ուզում քեզ համար բաղնիք տաքացնել․ չար պառավն ասաց, թող այդ անառակ աղջիկը անտառ գնա, այնտեղ այրուտում մի գոմ կա, գոմում էլ մի ձի է կապած․․․ ձին իր գոլորշիով տաքացնում է գոմը, թող Մարյատտան գնա մտնի գոմը և լողանա ձիու բերանից բաց թողած գոլորշու մեջ»։
 +
 +
Մայրատտան այս որ լսեց, դառն լացեց և ասաց․
 +
 +
«Ա՜յ, հիմա ես գլուխս պիտի առնեմ և ինչպես մի վարձու աշխատող, ինչպես մի ստրկուհի մարդկանցից հեռու փախչեմ, գնամ անտառը, գուցե թե ցավերիցս ազատվեմ»։
 +
 +
Աղջիկը զգեստի փեշերը հավաքեց և, սաստկացող երկունքի ցավերից տանջվելով, գնաց անտառը, հասավ մի բլուրի և այսպես աղոթեց․
 +
 +
«Ով դու բարեգութ երկնավոր, օգնի՛ր ինձ, թշվառիս, որ ազատվեմ այս տանջանքներից, օգնի՛ր, որ այս ցավերից չմեռնեմ»։
 +
 +
Եվ մտավ գոմը․ տեսավ մի ձի է կապված այնտեղ․ աղջիկը խոսեց․
 +
 +
«Ով դու իմ սիրելի ձի, խորը շնչիր և արտաշնչիր, որպեսզի տաք գոլորշի բարձրանա, ինչպես լինում է բաղնիքում, տաքացրու ինձ, որ ես ազատվեմ իմ ցավերից, որ վերջապես հանգստանամ»։
 +
 +
Եվ այն բարի ձին տաք գոլորշի փչեց աղջկա վրա․ ու գոմն այնպես տաքացավ, ինչպես բաղնիքն է տաքանում, երբ ջուրը եռում է։
 +
 +
Մարյատտան, այդ ամոթխած աղջիկը բարեհաջող ծնունդ ունեցավ և նորածին արու զավակին դրեց ձիու մսուրի մեջ՝ խոտերի վրա։
 +
 +
Հետո տղային լվաց, մաքրեց, բարուրեց ու սկսեց խնամել․ ծիծ տվեց անուշիկ թռչնակին, ապա թևերին առած օրորեց։ Քիչ անց երեխան դրեց ծնկերին, իր զգեստով ծածկեց ու սկսեց գլուխը շոյել։
 +
 +
Եվ հանկարծ հրաշք կատարվեց․ տղան չքացավ մոր գրկից։
 +
 +
Մայրատտան շատ տխրեց ու սկսեց փնտրել տղային։
 +
 +
Փնտրեց իր անուշիկ թռչնակին ամեն տեղ՝ ծառերի թավուտներում, թփերի մեջ, լեռներում, ժայռերի ծերպերում, բայց ոչ մի տեղ չգտավ։
 +
 +
Ուզեց ավելի հեռու գնալ, ուրիշ երկրներում փնտրել տղային։
 +
 +
Խոր գիշերն մի աստղ փայլեց երկնքում․ աղջիկը նախ խոնարհ գլուխ տվեց, ապա հարցմունք արավ․
 +
 +
«Ով աստղիկ, աստծու ձեռքով ստեղծված, գիտե՞ս արդյոք, որտե՞ղ է հիմա իմ մանկիկը»։
 +
 +
Աստղը պատասխանեց․
 +
 +
«Եթե իմանայի էլ, չէի ասի․ այդ քո տղան է արել, որ ես հավերժական ցրտում ու խավարի մեջ առկայծում եմ»։
 +
 +
Աղջիկն առաջ գնաց, հանդիպեց լուսնին․ գլուխը խոնարհեց և հարցմունք արավ․
 +
 +
«Ով լուսին․ աստծու ձեռքով ստեղծված, որտե՞ղ է իմ մանկիկը, ի՞նչ է պատահել նրան»։
 +
 +
Լուսինը պատասխանեց․
 +
 +
«Եթե իմանայի էլ չէի ասի․ այդ քո տղան է արել, որ ես ցուրտ գիշերներին հսկողություն անեմ, իսկ ցերեկները քնեմ»։
 +
 +
Աղջիկն առաջ գնաց, հանդիպեց արևին․ կրկին գլուխը խոնարհեց ու հարցրեց․
 +
 +
«Ով պայծառ արև, աստծու կամքով ստեղծված, գիտե՞ս արդյոք, որտեղ է հիմա իմ անուշիկ մանկիկը, ի՞նչ է պատահել նրան»։
 +
 +
Բարի, իմաստուն արևը պատասխանեց․
 +
 +
«Գիտեմ որտեղ է քո տղան, ով չքնաղ աղջիկ․ այդ քո տղան է տնօրինել, որ ե՛ս, պայծառ ցերեկին, ոսկու նման շողշողալով, արծաթի նման փայլփլելով երկրի վրա պտույտ գամ։ Այո՛, գիտեմ որտեղ է քո անուշիկ մանկիկը, նա մինչև գոտկատեղը խրվել է ճահճուտների մեջ»։
 +
 +
Մարյատտան գնաց փնտրեց, գտավ տղային, հանեց ճահճուտից, բերեց տուն և սկսեց խնամել։ Տղան օրեցօր մեծանում էր։ Սիրունիկ աշխույժ տղային ի՞նչ անուն դնել․ Մարյատտան դեռ չէր որոշել․ ինքը կանչում էր Ծաղիկ, ուրիշները՝ Անբան։
 +
 +
Ուզեցին տղային կնքել․ կանչեցին Վիրոկաննասին․ նա ասաց․
 +
 +
«Խեղճ տղան կախարդված է․ ես նրան չեմ կնքի, մինչև տղային չքննեն, չստուգեն, թե նա ինչպե՞ս է լույս աշխարհ եկել»։
 +
 +
Իսկ ո՞վ կարող է քննել տղային․ ո՞վ կարող է իմանալ, թե ամեն մեկն ինչպե՞ս է լույս աշխարհ գալիս․ միայն ինքը՝ իմաստուն Վեյնեմեյնենը։
 +
 +
Եկավ ծերունի երգիչը, նայեց֊զննեց տղային և երբ ամեն ինչ իմացավ, ասաց․
 +
 +
«Քանի որ տղան գտնվել է ճահճում և հապալասի պտուղից է աշխարհ եկել, ապա նրան պետք է թողնել դաշտում, ուր շատ պտուղներ կան, կամ էլ թե չէ տանել ճահիճը և մահակով գլուխը ջարդել»։
 +
 +
Հրաշքով լեզու առավ և այսպես խոսեց երկու շաբաթը դեռ չլրացած այն երեխան․
 +
 +
«Ով դու խենթավուն ծերուկ, հիմար է քո դատավճիռը․ օրենքներին սխալ մեկնություն տվիր։ Կար ժամանակ, երբ դու քո մոր որդիներին զոհեցիր, որ քո կյանքը փրկես, բայց քեզ ճահիճ չտարան և գլուխդ չջարդեցին։ Իսկ ջահել օրերիդ, թե ինչ եղավ, մոռացե՞լ ես։ Քո պատճառով այն դեռահաս աղջիկը, չքնաղ Այնոն սուզվեց ու խեղդվեց ծովի մռայլ ալիքներում և դարձյալ քեզ ոչ ոք չպատժեց»։
 +
 +
Լսեց այս ամենը ծերունի Վիրոկաննասը, երեխային մկրտեց և որհնեց․
 +
 +
«Դու Կարելիայի թագավոր կդառնաս, կիշխես ամբողջ երկրին»։
 +
 +
Բարկացավ Վեյնեմեյնենը, գնաց ծովափ և վերջին անգամ այնտեղ բարձրաձայն ու սրտալի երգեց։ Ապա նստեց նավակն ու հրաժեշտի այսպիսի խոսքեր ասաց․
 +
 +
«Կանցնի այս ժամանակը, կանցնեն օրեր, կբացվեն նոր ծագեր, բայց էլի իմ կարիքը կզգաք։ Կսպասեք, կփնտրեք ինձ, որ ես ձեզ համար նոր հրաշք֊ինքնաղաց Սամպո կառուցեմ, նոր բազմալար Կանտելե սարքեմ, որ նորից լուսինը երկինք հանեմ, արևին ազատություն տամ։ Չէ՞ որ առանց լուսնի և արևի այս աշխարհում երջանկությունը կչքանա»։
 +
 +
Եվ շնչշնկում է առագաստը ու նավը հավերժական երգչին տանում է հեռու և հեռու։
 +
 +
Ահա՛, վերջապես նա հասնում է այնտեղ, ուր միանուն են երկիրն ու երկինքը։
 +
 +
Վեյնեմեյնենը հայրենիքին կտակեց Կանտելեն և իր երգրերը։
 +
 +
Ավանդեց, որ Կալեվալայի դյուցազունների սխրագործությունները սերնդե֊սերունդ պատմեն։
 +
 +
Պատգամեց, որ հայրենի հերոսների հիշատակը միշտ անթառամ երգերով հավերժացնեն։
 +
 +
 +
:::::::::::❊ ❊ ❊
 +
 +
<poem>
 +
Լրացավ և իմ՝ երգչիս ժամանակը։ Այստեղ ընդհատում եմ երգս։
 +
Նույնիսկ ձին պետք է հանգստանա, եթե շատ ճամփա է անցել։
 +
Երկաթն անգամ կթուլանա, եթե ամռանը շատ խոտ է հնձել։
 +
Ջրեն անգամ կսպառվեն, եթե անընդհատ հոսում են։
 +
Խարույկը նույնիսկ կհանգչի, եթե ամբողջ գիշերը բոցավառվել է։
 +
</poem>
 +
 +
Այապես էլ երգիչը  կարող է հոգնել, եթե երգել է առավոտից մինչև երեկո, երեկոյից մինչև առավոտ։
 +
 +
Ես հաճախ լսել եմ այսպիսի խոսքեր․
 +
 +
«Ջրվեժն անգամ իր ահեղ թափի մեջ չի կարող բոլոր ջրերը թափել ― սպառել․ ճիշտ այդպես էլ երգիչը չի կարող իր իմացած բոլոր երգերը միանգամից երգել․ ավելի լավ է ընդհատել և հանգստանալ»։
 +
 +
Ես ահա՛, ավարտում եմ երգս, բայց բոլոր այդ երգերն ինչպես կծիկ փաթաթում եմ և պահ եմ տալիս մեր հայրենի երգերի գանձարանին։
 +
 +
Ինչ կլիներ, եթե ես անընդհատ երգեի, երգեի անտառներում և դաշտերում ամեն, ամեն տեղ երգեի։ Չէ՞ որ մայրս արդեն վախճանվել է և նա չի լսում իր զավակի երգը․ ի՞նչ է, միայն սոսիների և նոճիների համա՞ր երգեմ։
 +
 +
Դեռ փոքր հասակում ես մոլորվեցի անտառում և ինչպես արտույտ երգում էի ամեն թփի տակ, ամեն պուրակում։ Հետո խորթ մոր ձեռ ընկա․ նա ինձ բանացրեց, վերջն ինձ քշեց Հյուսիսի այն ցուրտ աշխարհը, որ ես սառնամանիքներում ոչնչանամ։
 +
 +
Ես անքուն թռչունի պես շատ տեղեր թափառեցի, հանդիպեցի թե ահեղ փոթորիկների, թե սառնամանիքների, հաճախ էի իմ սև օրն անցկացնում լացով ու ողբով։
 +
 +
Հիմա պատահում է, այնպիսի մարդկանց եմ հանդիպում, որոնք ինձ կշտամբում են, իրենց անմիտ գոռոցներով խլացնում են իմ ձայնը․ չարախոսում են, թե ես լավ չեմ երգում, իմ երգերը ոչ մեկին պետք չեն։
 +
 +
Բայց բարի մարդիկ, դուք շատ խիստ մի լինեք, տարօրինակ մի համարեք, որ ես անվարժ եմ երգում, ինչպես մանկիկը։ Չէ՞ որ ես ոչ մի տեղ չեմ սովորել, խելոք մարդկանց մոտ չեմ ուսուցանել։ Ուրիշի խոսքերով չէ, որ երգում եմ, ոչ էլ օտարներից եմ փոխ առել իմ երգերը։
 +
 +
Ուրիշները գնացել, սովորել են, իսկ ես չէի կարող թողնել իմ հարազատ մորը, իմ հայրական օջախը։ Ինչ որ սովորել եմ, միայն մեր տանն եմ սովորել։ Երբ մայրս ճախարակն էր մանում՝ ճախարակի երգն էի լսում, երբ եղբայրս ռանդան կամ կացինն էր բանեցնում՝ կանցնի զրնգոցն էի լսում։
 +
 +
Լավ եմ երգել թե, վատ, ներողամիտ եղեք․ միայն գիտեմ, որ իմ երգերով ես գալիքի երգիչներին նվիրական ավանդ եմ թողել։ Ես էի, որ անտառի թավուտներում արահետ բացեցի և դեպի ապագան ճանապարհ ցույց տվի։ Նրանք, ովքեր սիրում են երգը, ավելի լավ երգեր կերգեն։ Գալիք սերունդը, ծաղկող֊փթթող երիտասարդները բացված արահետով առաջ կընթանան և հայրենի աշխարհի վեհությունը կհավերժացնեն նոր երգերով։
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
  
Ընթացիկ տարբերակը 21:55, 23 Նոյեմբերի 2016-ի դրությամբ

Կալեվալա

հեղինակ՝
թարգմանիչ՝ Արձակ պատմեց՝ Հմայակ Սիրասը
աղբյուր՝ «Կալեվալա»

Ռունա Ա

Վեյնեմեյնենի ծնունդը

Իմ թանկագին եղբայր, մանկությանս ոսկե բարեկամ, արի միասին երգենք, ասենք մեր խոսքը սերունդներին։

Դե, տուր ձեռքդ եղբայր, թող մեր բարեկամները լսեն մեր երգերը, թող երիտասարդները սովորեն ու գալիք սերունդներին հաղորդեն հայրենի նվագները, որ մենք հավաքել ենք ժողովրդի ընդերքից։

Երգենք ու հիշենք Վեյնեմեյնենին, Իլմարինենին, Կաուկոմեյլիին և Իոուկախայնենին․ երգենք երգերն այն, որ մեր նախնիները երգեցին Կալեվալայի Հյուսիսային տափաստաններում։

Այս տողերը երգում էր հայրս, երբ կացինն էր սրում, սովորեցնում էր ինձ մայրս, երբ երգելով թեշիկն էր մանում։

Ես այն ժամանակ դեռ շատ փոքր էի և միայն կաթով էի սնվում, բայց լսում էի երգեր Սամպոյի հրաշագործությունների և նենգ Լոուխիի դավադրությունների մասին։ Եվ Սամպոն երգերում հավերժացավ, և կործանվեց դավադիր Լոուխին։

Այդ երգերը ես քաղեցի մեր աշխարհի մշտադալար թփերից, պոկեցի մեր ծառերի դալար ճյուղերից և մեր բուրավետ արոտներից։ Երբ հովիվ էի և քայլում էի հայրենի ճամփաներով՝ հավաքեցի այս երգերն այն մարգագետիններում, ուր մեղուն ծաղիկներից մեղր էր քաղում։

Շատ ցուրտ ու սառնամանիքներ եկան ու անցան մեր երկրով, շատ հողմեր ու փոթորիկներ անցան մեր աշխարհով, շատ ծփծփացին ծովի ալիքները, բայց երգերն այս չխամրեցին, և ահա՛, եկավ ժամանակը, որ ես ոսկյա արկղը բացեմ և երգերի կծիկը քանդեմ։

Թե որ ինձ գարեջուր մատուցեք, հետն էլ տարեկանի հաց՝ իմ երգերը կհնչեն դուրեկան, բայց եթե գարեջուր չլինի, մի թաս աղբյուրի ջուր դնեք իմ առաջ, միևնույն է, ես կերգեմ։ Կերգեմ, որ երեկոն ուրախ անցնի, և նույնպիսի ուրախությամբ սկսվի մեր վաղվա օրը։

Ես շատ երգեր լսեցի հավատարիմ Վեյնեմեյնենի՝ Կալեվի իմաստուն երգչի մասին, որին աշխարհ բերեց այն չքնաղ կույս Իլմաթարը։

* * *

Օդեղեն բարձունքի դուստր Իլմաթարը շատ ժամանակ կույս մնաց, շատ դարեր ապրեց մեր ընդարձակ հարթությունների վրա շնկշնկացող օդի ոլորտերում։

Եվ Իլմաթարը ձանձրացավ․ այլևս չէր կարող միայնակ ապրել օդի անսահման տարածություններում։ Եվ ահա՝ կույսն իջավ ծովափ, թեքվեց ալիքների վրա։ Փչեց կատաղի քամին, ծովը փոթորկվեց, փրփրադեզ ալիքները վեր֊վեր բարձրացան։

Իլմաթարն ընկավ ծովի ալիքների մեջ։ Ուժեղ քամուց ու ծովի հորձանքից նա հղիացավ։

Լրիվ յոթ հարյուր տարի նա հղի մնաց։ Մարդկային իննը սերնդի կյանք նա տառապեց, սակայն պտուղը լույս աշխարհ չէր գալիս։

Ալիքներն Իլմաթարին մեկ դեպի արևելք էին տանում, մեկ դեպի արևմուտք, մեկ դեպի հարավ, մեկ էլ դեպի հյուսիս։ Տառապում էր կինն իր որովայնի ծանրությունից, բայց ծննդաբերության օրը չէր հասնում։

Կույսը շատ հուզվեց․ սկսեց լալ ու գանգատվել։

«Ճակատագի՛ր, ինչո՞ւ ես տանջում ինձ, թշվառիս․ օդային տարածություններից ընկա ջուրը և ալիքներն ինձ քշում են ծովի անհուն հարթությունների վրա։ Երանի թե օդի դուստր մնայի և այսպես չտառապեի։ Ցուրտն ու խոնավությունն են այստեղ այժմ իմ միակ բաժինը։ Ո՛հ, դու Ուկկո, բարձրյալդ Աստված, դու որ երկնքի տերն ես, իջի՛ր ծովի ալիքների վրա, շտապ օգնության հասիր, ազատիր ինձ այս տանջալի ցավերից, շտապի՛ր, աղերսում եմ»։

Քիչ անց, ահա, ծովի վրա սկսեց սավառնել մի գեղեցիկ բադ․ նա թեևերն է թափահարում և բույն է փնտրում։ Թռչում է արևմուտքից արևելք, հարավից հյուսիս և չի գտնում մի փոքրիկ ցամաք տեղ, որտեղ իր համար տուն ու բույն սարքի։ Ու թռչունն ասաց․

«Թե քամու վրա բույն դնեմ, թե ալիքների արանքում տուն սարքեմ, իմ բույնը կցրեն քամիները, իմ տունը շուռ կտան ալիքները»։

Իլմաթարը լսեց այս խոսքեը․ և ստեղծիչ ոգու դուստրն ուսերը դուրս հանեց ջրից, ապա ալիքների միջից դուրս հանեց ծունկը, որպեսզի թռչունն այնտեղ բուն դնի։

Սիրունիկ բադը թռավ մոտ եկավ․ կապույտ ջրերի մեջ տեսավ ծովամայր Իլմաթարի ծունկը, և կարծեց, թե դա իր ուզած կանաչ ճիմն է։

Բադը մեկ էլ պտույտ կատարեց Իլմաթարի գլխավերևում և եկավ նստեց նրա ծնկան վրա, ինչպես իր բույնի վրա և ածեց վեց ձու, ապա ածեց յոթերորդը, այն էլ երկաթե ձու։

Եվ բադը թուխս նստեց ձվերի վրա։ Անցավ երկու օր․ Իլմաթարը ձվերն ու թխսկանը պահում էր ծնկան վրա, բայց երրորդ օրն արդեն չդիմացավ․ ծնկան մաշկն այնպես տաքացավ, կարծես այրվում էր բոցերի մեջ․ ծովամայրն ուժեղ ցնցվեց․ ձվերը ծնկան վրայից ջուրը թափվեցին, ջարդվեցին։

Բայց ջարդված ձվերն ալիքների ու տիղմերի մեջ չկորան, նրանք հրաշալի ձևեր ստացան։

Ձվի ներքևի մասից ստեղծվեց մայր֊Երկիրը։

Ձվի վերևի մասից ստեղծվեց բարձր երկնակամարը։

Ձվի դեղնուցից հուրհրան արևն ստեղծվեց։

Եվ մյուս կտորներից ստեղծվեցին աստղեր ու ամպեր։

Եվ տարին անցնում է տարվա ետևից․ արևն է փայլում երկնքում, լուսինն է շրջան անում խավար գիշերում։ Ջրերի մայրը դեռ օրորվում է ալիքների վրա։

Նորից անցնում է տաս տարի և ահա Իլմաթարը գլուխը հանում է ջրից և սկսում է իր արարչագործությունը։

Ձեռքը երկարում է թե չէ՝ հրվանդաններ են ստեղծվում ծովափին։ Որտեղ սեղմում է ոտքը՝ ձկների համար փոսեր են առաջանում։ Իսկ երբ կանգնում է ծովի հատակին, անդունդներ էին գոյանում։

Այսպես էլ ծովի ալեբախության պահերին հասնելով ցամաք՝ ժայռեր ստեղծեց․ բարձունքներ և հովիտներ առաջացան հարթ տարածությունների վրա, բայց միայն Վեյնեմեյնենը դեռ չէր ծնվում։

Եվ հավատարիմ Վեյնեմեյնենը դարձյալ երեսուն տարի ապրեց մոր արգանդում, բայց արդեն շատ էր նեղվում․ կարոտում էր հուրհրան արևին, կարոտում էր պայծառ լուսնին։

Եվ նա այսպիսի խնդիրք արավ․

«Ով դուք արև, լուսին և աստղեր, շուտ, ազատեցեք ինձ այս նեղ բնակարանից։ Ուզում եմ տեսնել արևն ու լուսինը, ուզում եմ Մեծ Արջ աստղից իմաստություն սովորել»։

Վերջապես Իլմաթարն ազատվեց իր երկունքի ցավերից։ Ծնվեց Վեյնեմեյնենը և ընկավ ալիքների մեջ, հանձնվեց ծովի խնամքին։

Ապրեց ծովի մեջ Վեյնեմեյնենը հինգ տարի, վեց տարի էլ տատանվեց ծովի ալիքների վրա։

Անցավ դարձյալ յոթ և ութ տարի․ նա լողաց ծովի անհուն տարածություններում և վերջապես մեկ օր էլ հասավ ցամաք։ Անծանոթ վայր էր այդ ցամաքը և բոլորովին անտառ չէր երևում այնտեղ։

Ձեռքերի վրա հենվեց, ոտքի կանգնեց Վեյնեմեյնենը, որ տեսնի արևն ու լուսինը, որ իմաստություն սովորի Մեծ Արջից։

Ահա այսպես ծնվեց հզոր երգասաց Վեյնեմեյնենը, ստեղծիչ ոգու դստեր՝ Իլմաթարի որդին։

Ռունա Բ

Վենեմեյնենը շենացնում է հայրենի աշխարհը

Ահա՛, Վեյնեմեյնենը սկսեց քայլել ծովափով, ապա անցավ մի կղզի, բայց հարթ տարածության վրա ոչ խոտ էր բուսնում, ոչ ծառ․ ամեն կողմ չոր է ու ցամաք։ Տարիներ շարունակ նա ապրեց այդ անմարդաբնակ կղզում և գիշեր֊ցերեկ մտածում էր, ո՞նց անել, որ ամեն տեղ բուսականություն լինի, հողն ամուլ չմնա։

Այս մտքերի մեջ էր մեծ երգիչը, երբ նրա դեմ ելավ մի պատանի, ուսից մի պարկ գցած։

Վեյնեմեյնենը հարցրեց․

«Ո՞վ ես դու»։

Այսպես պատասխանեց աշխույժ պատանին․

«Ես Սամպսա Պելլերվոյնենն եմ․ եկել եմ քեզ օգնեմ, որ աշխարհը շենանա»։

Եվ Վեյնեմեյնենի բարի խորհուրդով դաշտերի զավակ Պելլերվոյնենը գործի անցավ։

Իր պարկից հանեց սերմերը և շաղ տվեց աշխարհով մեկ։ Բոլոր բլուրները, ճահիճները, հարթությունները, լեռները, ամբողջ երկիրը կանաչազարդեց պատանին։ Աճեցին և բոյ քաշեցին բարձրաբերձ բարդիներ և սոսիներ, կեչիներ և եղևնիներ։ Ամեն թումբից ծաղիկների բուրմունք էր տարածվում օդում, ամեն պուրակից էլ պտուղներով լի ծառերի շրշյունն էր լսվում։ Հայրենի աշխարհը նոր կյանք առավ։

Նայեց ծերունի Վեյնեմեյնենը ու տեսավ, որ պատանին լավ է աշխատել, ամեն տեսակ ծաղկունք և ծառ աճեցրել է, բայց միայն հաստարմատ կաղնին չէր աճում։ Սկսեց մի քանի օր ու գիշեր, բայց աստվածային ծառը՝ կաղնին չէր աճում։

Մի օր էլ տեսավ, որ ծովից չորս աղջիկ դուրս եկան, ապա նաև հինգերորդը։ Նրանք սկսեցին քաղ անել․ քաղում էին ցողաթաթախ խոտը, քաղում էին և կիտում իրար վրա։

Ահա ծովից դուրս եկավ Տուրսաս դյուցազնը։ Նա կրակ տվեց և աղջիկների կիտած խոտը բոցավառվեց․ ծուխն ամպ դարձավ և քիչ անց խոտից մնաց մոխիրների կույտ։

Այդ մոխիրների կույտի մեջ դյուցազնը մի տերև դրեց և տերևի կողքին էլ կաղին։

Կաղնու բունն սկսեց աճել, բերրի հողի ծոցում խոր արմատներ գցեց և, բոյ քաշելով, հսկա ու փարթամ ճյուղեր արձակեց։

Փարթամ, կանաչ ճյուղերը հասան մինչև երկինք․ արդեն խանգարում էին ամպերի ընթացքը, մարդկանցից ծածկում էին արևը, չէր երևում պայծառ լուսինը։

Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը մտածեց․ ո՞վ է այն ուժեղ մարդը, որ կարողանա տապալել այս կաղնին․ չէ՞֊որ եթե արևը չփայլատակի վերևում, լուսինը շողեր չարձակի, մարդկանց կյանքը տխուր կլինի, ձկներն էլ կդժվարանան լողալ ջրերում։

Այդպիսի ուժեղ դյուցազն չգտնվեց, որ կարողանար բարձրաբերձ բազմաճյուղ կաղնին տապալել։

Այն ժամանակ ծերուկ Վեյնեմեյնեն այսպիսի խնդիրք արավ։

«Ստեղծիչ ոգու դուստր, մայր իմ հարազատ, ջրերի խորքից ինձ զորություն առաքիր․ ահեղ է ջրի ուժը․ առաքիր այնպիսի զորություն, որ կարողանա տապալել այս հսկա չար կաղնին, որ նորից արևն հուրհրա, նորից փալփլի լուսինը»։

Եվ ահա ծովի ալիքներից դուրս եկավ մի դյուցազն․ ոչ աժդահաների չափ էր, ոչ էլ շատ փոքր։ Մի թզուկ․ պղնձե գլխարկ ուներ նա, ոտնամանները, ձեռնոցներն ու քամարն էլ նույնպես պղնձից էին։ Քամարից մի մատնաչափ կացին էր կախված և մի եղունգի չափ էլ սուր։

Հավատարիմ Վեյնեմեյնենը մտածեց․ տեսքով սա դյուցազնի է նման, բայց բոյը՝ թզուկի․ մի հարցուփորձ անեմ, տեսնեմ ինչացո՞ւ է։

«Ո՞վ ես դու, ո՞ր դյուցազներից ես․ ի՞նչ զորություն ունես»։

Ծովային թզուկ հերոսը պատասխանեց․

«Այո՛, իրոք, ես ծովի ալիքներից ելած հզոր դյուցազն եմ․ եկել եմ, որ այս հսկա կաղնին տապալեմ»։

Վեյնեմեյնեն ասաց․

«Բայց ինչպես տեսնում եմ, դու ստեղծված չես այսպիսի դժվարին գործի համար․ կկարողանա՞ս արդյոք հսկա կաղնին տապալել»։

Բայց դեռ այս խոսքերը չէր ավարտել, մեկ էլ տեսավ, որ թզուկն այլափոխվեց, դարձավ մի հսկա մարդ։ Ոտքերն ամուր սեղմեց գետնին, գլուխն առավ ամպերին․ մորուքն իջնում էր մինչև ծնկները, գլխի մազերը մինչև կրունկները։

Հսկան իր կացինն ու սուրն սկսեց հեսանի վրա սրել։ Ապա երբ այդ գործն ավարտեց, սկսեց քայլել․ առաջին քայլին ոտքը դրեց ծովափի փխրուն ավազին, երկրորդ քայլին հասավ սևահողին և երրորդ քայլին կանգնեց կաղնու արմատի մոտ։

Սրած կացնով նա զարկեց մեկ անգամ, երկրորդ անգամ, ապա երրորդ զարկին կայծեր ցայտեցին կացնից և արդեն ճաքճքած կաղնին տապալվեց գետին։

Կաղնու բունը նա դրեց արևելյան կողմը։
Սաղարթները նետեց դեպի հարավ։
Ճյուղերը սփռեց դեպի հյուսիս։

Նա, ով ճյուղն է վերցնում, հավերժորեն երջանիկ էր դառնում, ով սաղարթից էր մի թուփ տուն տանում, նա կախարդության շնորհք էր ձեռք բերում, ով մի տերև էր պոկում֊տանում՝ սիրտը մխիթարվում էր։

Տաշեղներն ու չոփերն էլ ցիրուցան եղան․ մի մասը ծովը թափվեց, մի մասն էլ գետերը։ Ծովի ալիքները և գետի հոսանքները տաշեղները քշեցին տարան շատ ու շատ հեռուներ։ Քամու թևերով էլ շատ չոփեր թռան հասան ուրիշ աշխարհներ։

Քամին Պոխյոլա էլ հասցրեց կաղնու տաշեցներից։

Այնտեղ ծովափին, մի հրվանդանի մոտ, Պոխյոլայի աղջիկը մի մեծ գլխաշոր էր լվանում․ լվաց, նորից ողողեց ջրում, ապա փռեց քարին, որ չորանա։

Աղջիկը նկատեց տաշեղը, վերցրեց դրեց տոպրակի մեջ և տարավ հանձնեց կախարդին, որ նա դրանից կախարդական զենք սարքի։

Իսկ Կալեվում, երբ արդեն կաղնին տապալված էր, նորից արևն սկսեց փայլատակել երկնքում, և լուսինն էլ շող էր արձկում գիշերներին։

Փարթամորեմ աճեցին անտառները, պուրակներում կանաչին տվին դալար տերևները․ ճյուղերին սկսեցին ճախրել բազմաթիվ թռչուններ․ կեռնեխները գեղգեղացին և կկուներն էլ կու֊կու կանչեցին։

Պտուղներով բեռնվեցին ծառերը, ոսկեգույն ծաղիկներ աճեցին ամեն տեղ, բանջարով և դալար կանաչով էլ ծածկվեցին դաշտ ու անտառ։

Բայց միայն գարի չէր բուսնում․ հացն էր պակաս աշխատող մարդուն։

Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը քայլում էր ծովափով և մտորում էր․ այնտեղ գտավ գարու վեց հատիկ, վերցրեց դրեց պարկի մեջ և գնաց, որ հատիկները ցանի Կալեվալայի հողերում֊Օսմոյի դաշտերում, ուր հոսում էր հորդառատ գետը։

Եվ ահա երաժշտահավը կչկչաց․

«Օսմոյում գարին ծիլ չի արձակի, Կալեվայում վարսակ չի բուսնի․ այնտեղ դաշտը մաքրված չէ, այնտեղ, ուր վար ու ցան պիտի անես, ծառերը չեն կտրված, չեն այրած, որ մոխիրը խառնվի հողին և հողը բերրի դառնա»։

Ծերուկ Վեյնեմեյնենը կացինը ձեռքն առավ և սկսեց անտառը կտրել․ բոլոր ծառերը կտրեց, միայն կեչին թողեց, որ նրա տերևներին թռչուններն հանգստանան և կկուները կուկու կանչեն։

Վերևում սավառնում էր արծիվը․ մոտեցավ կեչու կատարին և հարցում արավ․

«Ինչո՞ւ կեչի ծառին ձեռք չտվիր․ նրա գերակազմ բունը ինչո՞ւ կանգուն պահեցիր»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Կեչին թողեցի, որ նրա ճյուղերին հանգստանան թռչունները, որ արծիվը երկնքից թռչի, նստի նրա կատարին»։

Երկնասլաց արծիվն ասաց․

«Շատ գովելի է քո հոգատարությունը, թող թռչունները հանգստանան այնտեղ․ ես ինքս էլ գամ և նստեմ կատարին»։

Եվ արծիվը կրակ բերեց․ Վեյնեմենենը կտրած ծառերն այրեց, հողը փափկացրեց, մոխիրը խառնեց հողին։ Ծերուկը պարկից հանեց գարու վեց հատիկները, ցանեց պարարտ հողի մեջ, ապա երգեց․

«Ահա ես ցանում եմ սերմերը, ցանում եմ ամենազոր աջովս։ Մայր երկիր, դու ուժ տուր հողին, որ նա աճեցնի սերմերը։ Զարթիր հարազատ հող․ այնտեղ, ուր ես քրտնաջան աշխատեցի, թող սերմերը ծիլ արձակեն, թող հազար ու հազար հասկեր հասունանան։ Ով դու բարձրյալդ Ուկկո, Հաստիչդ երկնային, դու որ հրաման ես տալիս կայծակներին և ամպրոպներին, դու արևելքից և հյուսիսից, արևմուտքից և հարավից ամպեր հավաքիր, անձրև առաքիր, որպեսզի ցողունն ամրանա, որպեսզի հասկերն այստեղ աճեն և շրշյուն արձակեն»։

Երկրային հայր Ուկկոն բարի խորհուրդ արավ և չորս կողմից ամպեր առաքեց։ Առատ անձրև տեղաց, ոռոգեց արտերը, և փափուկ հողի վրա փարթամորեն աճեցին գարու հասկերը։

Վեյնեմեյնենը շատ ուրախացավ․ չէ՞ որ գարու ամեն մեկ հասկը վեց անկյունանի էր՝ լիքը, տռուզ հատիկներով։ Վեր նայեց տեսավ կկուն թառել էր կեչու ծառին։

Ծերուկը երգով դիմեց թռչնին․

«Երգի՛ր, թռչնակս, երգի՛ր լուսաբացին, երգիր կեսօրին և գիշերին, երգիր և ուրախացրու մարդկանց։ Թող դաշտերը փարթամանան, թող անտառներն ավելի գեղեցիկ երևան, թող մեր ծովափնյա աշխարհը հարստանա, մի ծայրից մյուսը լցվի հացի առատ բերքով»։

Ռունա Գ

Իոուկախայնենը գալիս է մրցելու Վեյնեմեյնենի հետ

Կաղնու թավուտների մեջ, իր հայրենի Կալեվալայում ապրում էր Վեյնեմեյնենը, ապրում ու երգում էր մեծ իմաստության երգերը։

Երգում էր ցերեկները, երգում էր գիշերները․ երգում էր անցած օրերի մասին, հերոսների փառքի և սխրագործությունների մասին։

Նրա երգի համբավը տարածվեց աշխարհե֊աշխարհ։

Պոխյոլայում ապրում էր մի լղարիկ երիտասարդ՝ լապլանդացի Իոուկախայնենը։ Մի օր նա հյուր գնաց ծանոթների մոտ և լսեց մի քանի բաներ, որ բոլորովին դուր չեկան նրան։ Իբրև թե անտառաշատ Կալեվալայում ապրում է մի մարդ՝ Վեյնեմեյնեն անունով, որ շատ ավելի դուրեկան և իմաստուն երգեր է երգում, քան այն, ինչ երգում է ինքը, քան այն երգերը, որ հորինել է իր հայրը։

Շատ զայրացավ Իոուկախայնենը, նախանձի թույնով լցվեց սիրտը, որ բոլորը գովում են Վեյնեմեյնենին, նա գնաց ծնողների մոտ և հպարտ֊հպարտ ասաց․

«Չէ՞ որ ես էլ երգիչ եմ․ կերթամ կմրցեմ Վեյնեմեյնենի հետ»։

Մայրն աղաչանք է անում, թե մի՛ գնա, որդի, գլուխդ մի վտանգի․ իսկ հայրը խրատում է․

«Մի գնա, որդիս․ Կալեվալայի թավուտներում գլխիդ փորձանք կգա, քեզ կկախարդեն, և այլևս դու ոչ ձեռքերդ կկարողանաս շարժել, ոչ էլ ոտքերումդ ուժ կմնա»։

Իսկ ջահել Իոուկախայնենը պարծենում է․

«Հայր իմ, դու շատ բանիբուն մարդ ես, մայրս էլ շատ բան գիտի, բայց ես ավելի շատ բան գիտեմ։ Թե որ միտքս դրել եմ մրցել, ես ամենալավ երգչին էլ կհաղթեմ, կախարդներին ինքս կկախարդեմ։ Այնպես կերգեմ, որ ով եղել է առաջինը, նա իմ դիմաց կդառնա վերջինը։ Ես նրան քարե շորեր կհագցնեմ, գլխին քարե թասակ կդնեմ, որ այլևս չհանդգնի իմ դեմ խոսել»։

Համառ տղեն ձի լծեց ոսկեզօծ սահնակին ու քշեց․ ձիու ռունգերից կրակ էր ցայտում, սմբակները կայծեր էին արձակում։ Եվ ահա հայրենի տունը մնաց հեռվում։ Տղան ավելի արագ քշեց սահնակը․ անցավ մեկ երկու օր և երրորդ օրվա վրա հասավ Կալեվալայի աշխարհը, կաղնիների թավուտ անտառը։

Ծերուկ, հավատարիմ Վեյնեմեյնենը հենց այդ պահին սահնակով անցնում էր անտառի միջով։ Երիտասարդ տաքարյուն Իոուկախայնենը քշեց իր սահնակը Վեյնեմեյնենի վրա և սահնակների քաշաններն այնպես թափով դիպան իրար, լծասարքերն այնպես թափով զարկվեցին մեկը մյուսին, որ երկու երգիչներն էլ ձգեցին սանձերը և կանգ առան, տեսան որ սահնակների քաշաններից գոլորշի է բարձրանում․ իսկ լծասարքերի աղեղներից ջուր է ծլծլում։

Վեյնեմեյնենը կշտամբեց տաքարյուն տղային․

«Դու ո՞ր աշխարհից, ո՛ւմ տոհմից ես, որ այդպես խելացնոր արշավում ես ուրիշի վրա․ ինչո՞ւ ջարդեցիր իմ խամութը և դալար ճյուղերից սարքած լծասարքը․ դու ինչո՞ւ ջարդեցիր իմ սահնակը»։

Տղան այսպիսի ամբարտավան պատասխան տվեց․

«Ես երիտասարդ Իոուկախայնենն եմ, իսկ այժմ դու ինձ ասա, ո՞վ ես դու, ի՞նչ անպիտան տահմի ծնունդ ես»։

Ծերունի Վեյնեմեյնենը տվեց իր անունը և հանգիստ ասաց․

«Դու ջահել ես ինձնից, ով Իոուկախայնեն, ճամփա տուր ինձ»։

Ամբարտավան ջահելն այսպիսի խոսքեր ասաց․

«Այստեղ կարևոր չէ, թե մեզնից ով է ծեր և ով է ջահել։ Ով շատ բան գիտե, և ով ավելի իմաստուն է, ապա նա պետք է առաջ անցնի և մյուսը նրան ճանապարհ տա։ Ուրեմն, ծերուկ, հավերժական երգասաց Վեյնեմեյնեն, պատրաստվենք երգերով մրցելու միմյանց հետ»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Դե ես անհայտ, անփորձ երգիչ եմ, իմ հայրենի երկրում ման եմ գալիս և լսում եմ միայն կկուկներին։ Դե, ուրեմն, երգիր, որ իմանանք, թե դու իրոք գերազանցում ես ուրիշներին և շատ բան գիտես»։

Եվ երիտասարդն սկսեց․

«Այ, ես շատ լավ գիտեմ, որ երդիկից է ծուխ բարձրանում, իսկ օջախը տան մեջ է՝ վառարանի ներքևում։ Սիգը ձկնկիթ է դնում, իսկ հավը ձու է ածում։ Ձյան վրա սահում է սահնակը, իսկ ծովի վրա կարելի է ճամփորդել նավակով։ Եթե չհամոզվեցիր, որ ես իմաստուն եմ, դեռ էլի շատ բաներ կարող եմ ասել, ― հյուսիսում եղջերուներ են լծում սահնակին, իսկ հարավում ձիով կամ եզներով են վար ու ցանք անում»։

Վեյնեմեյնենն ասաց․

«Այդ բոլորը մանուկներն էլ են թոթվում, ասածդ սովորական բաներ են, որ ամեն մի հետամնաց տանտիկին էլ գիտի․ թե կարող ես պատասխանիր, ի՞նչ գաղտնիքներ ունի բնությունը»։

Երիտասարդը շարունակեց․

«Բոլոր տեսակի դեղերից ամենահինը ջուրն է․ փրփուրը կախարդանքի համար են գործածում։ Պտուղը ծառերի վրա է աճում, իսկ մեղրը ծերպերի մեջ է գոյանում։ Հաստատ գիտեմ, որ կեռնեխը երգող թռչուն է, իսկ օձը սողուն է։ Գիտեմ, թե եռացող ջուրը թափվի մարդու վրա, նրա մաշկը կայրվի, իսկ ուժեղ ցրտի ժամանակ մարդ կսառչի։ Ամենայն ժամանակներից Աստված է մարդկանց ցավերից բուժողը։ Ջրերը լեռներից են սկիզբ առել, իսկ կրակն ընկել է երկնքից։

Սկզբում ամեն տեղ ճահիճ է եղել։ Բոլոր ծառերից տարիքավորը ուռին է։ Առաջին տները կառուցել են սոճուց, իսկ քարերից սարքել են առաջին ամանները»։

Վեյնեմեյնենն ասաց․

«Գուցե էլի բաներ հիշես, թե՞ բարբառեցիր բոլորն, ինչ կար քո խելապատակում»։

Երիտասարդ Իոուկախայնենը պատասխանեց․

«Չէ, դեռ էլի հիշելիք բաներ ունեմ․ հիշում եմ հին֊հին ժամանակները․․․ Ես ծովի հատակն էի հերկում՝ ստեղծում էի անդունդները, ձկների համար փոսեր էի փորում։ Լճեր փռեցի չորս կողմ, սարեր ստեղծեցի ու մեծ֊մեծ ժայռեր էի շուռ տալիս։

Ես նշանավոր դյուցազների շարքում յոթերորդն էի։ Ստեղծեցի ես այս աշխարհը, օդին սահմաններ գծեցի, և կառուցեցի երկնակամարը։ Ես լուսնին երկինք հանեցի, ստեղծեցի հուրհրան արևը, Մեծ Արջը երկնքի կենտրոնը դրի ու շուրջն աստղեր սփռեցի»։

Ծերունի Վեյնեմեյնենն ասաց․

«Դու ստում ես պատռած բերնով, դու երբեք դյուցազուն չես եղել, երբեք չգիտես, թե ինչպես են հերկել ծովի հատակը, ինչպես են գոյացել նրա անդունդները, և ինչպես են ձկների համար փոսեր փորել։ Դու չգիտես, թե ինչպես են ստեղծվել լճերը, ինչպես են վեր խոյացել սարերը, ինչպես են շուռ եկել ժայռերը։

Ոչ ոք քեզ չի տեսել այնտեղ, երբ ստեղծում էին աշխարհը, երբ օդին սահմաններ էին գծում, երբ երկնքում հաստատում էին արևն ու լուսինը, Մեծ Արջն ու աստղերը»։

Երիտասարդ Իոուկախայնենը բարկացավ ու ասաց․

«Եթե ես բանականությունս կորցրել եմ, ուրեմն սրով կնվաճեմ այն․ հապա, ծերուկ Վեյնեմեյնեն, դու երգիչդ մեծաբերան, արի չափվենք մեր սրերով, տեսնենք, թե ո՞ւմ սուրն է ավելի կտրուկ»։

Վեյնեմեյնեն ասաց․

«Ինձ բոլորովին չի սարսափեցնում ո՛չ քո սուրը և ո՛չ էլ քո իմաստությունը, ո՛չ զենքերդ, ո՛չ էլ խորամանկությունդ․ իմացի՛ր, ով անպիտան թշվառական, դու արժան չես, որ ես քեզ հետ սրով չափեմ իմ ուժերը»։

Փրփրեց Իոուկախայնեն, զայրույթից բերանը ծռմռեց, գլուխը թափահարեց և այսպես խոսեց․

«Ով վախենում է ինձ հետ մենամարտել, ով սիրտ չունի սուր ձեռք առնել, ես այդպիսի արհամարհելի մարդուն իմ երգերով խոզ եմ դարձնում, նետում աղբանոց, կամ փարախի մի անկյունը շպրտում»։

Վեյնեմեյնենը մռայլվեց, շատ խիստ զայրացավ, ապա սկսեց երգել։ Ոչ տղայական երգեր էր երգում նա, ոչ էլ զվարճալի տաղեր՝ անբան կանանց համար․ նրա երգը հերոսական երգ էր և այդ ցասումնալից երգը տարածվեց չորս կողմ, լճերը փոթորկվեցին, լեռները դողացին, ժայռերը ճաքճքեցին։ Եվ լապլանդացու ձին դարձավ ջրվեժի մոտ ընկած ժայռի մի բեկոր, նրա շունն էլ դարձավ մի գլաքար։ Ամբարտավան երիտասարդը զրկվեց ամեն ինչից։

Երգում էր Վեյնեմեյնենը և Իոուկախայնենը մինչև ծնկները, հետո մինչև կուրծքը խրվեց ճայճի մեջ։

Նոր միայն Իոուկախայնենը գլխի ընկավ, որ ինքը սխալ գործ է բռնել, հասկացավ, որ ինքը չէր կարող մրցել հզոր երգասաց Վեյնեմեյնենի հետ։

Ուզեց ճահճից դուրս գալ, բայց տեսավ, որ ոտքեերին քարե ոտնամաններ էին հագցված և չէր կարող տեղից շարժվել։

Շատ խիստ վախեցավ լապլանդացին, ըմբռնեց, որ ընկել է թշվառության մեջ․ այսպիսի խոսքերով նա դիմեց ծերուկ երգասանին․

«Ո՛վ դու իմաստուն Վյենեմեյնեն, հավերժական տեսանող․ վերցրու այս կախարդանքը, ազատի՛ր ինձ ծանր վիճակից։ Ես քեզ կտամ անբավ փրկագին, ինչ բան և ինչքա՛ն ցանկանաս»։

Վեյնեմեյնեն ասաց․

«Ի՞նչ կտաս ինձ, թե վերացնեմ կախարդանքը, ազատեմ քեզ այս թշվառ վիճակից»։

Տղան ասաց․

«Ես ունեմ երկու սքանչելի աղեղ․ մեկը գերազանց նշան է առնում, մյուսը խփում է անվրեպ․ ընտրիր, որը կուզես»։

Վեյնեմեյնեն ասաց․

«Չեմ ուզում քո աղեղները, հիմար տղա, ինչի՞ս են պետք դրանք․ իմ տան բոլոր պատերին կախված են շատ աղեղներ, իմ աղեղներն իրենք իրենց գնում են անտառ և առանց ինձ խփում են անվրեպ»։

Երիտասարդ Իոուկախայնենը պաղատեց․

«Ես ունեմ երկու սքանչելի նավակ․ մեկը նրանցից թռչում է ինչպես հավք, մյուսը բեռներ է տանում։ Ընտրիր, որը քեզ դուր կգա»։

Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Ես քո ոչ մեկ նավակի պետքն էլ չունեմ․ իմ ծովափին ես շատ նավակներ ունեմ․ նրանց մի մասը շարժվում է քամու ուղղությամբ, մյուսը քամուն հակառակ»։

Տղան ասաց․

«Ունեմ երկու հիասքանչ ձի, մեկը թռչում է ինչպես քամի, մյուսաը շատ ուժեղ լծելու ձի է․ ընտրիր որը կուզես»։

Հավերժական երգասացն ասաց․

«Քո գոված ձիերից ես շատ ավելի ընտիրներն ունեմ իմ գոմերում․ քո ձիերից ոչ մեկն ինձ պետք չէ»։

Տղան նորից աղաչանք արավ․

«Ով ծերուկ Վեյնեմեյնեն, ասա՛ սրբազան խոսքեր, վերացրու կախարդանքը, քեզ կտամ իմ ոսկե գլխարկը, լիքը արծաթով․ այդ գլխարկը հայրս բերել է ռազմի դաշտից»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Ես քո ոսկու և արծաթի կարիքը չունեմ, իմ սնդուկները լի են ոսկով ու արծաթով»։

Հուսահատվեց տղան ու դարձյալ աղաչեց․

«Ո՛վ դու, ծերուկ Վեյնեմեյնեն, ազատիր թշվառիս այս ծանր վիճակից և ես քեզ կտամ իմ լայնարձակ դաշտերի ամբողջ հացահատիկը»։

Այսպես խոսեց ծերունին․

«Ես քո դաշտերը չեմ ուզում, բոլորովին հացի կարիք չունեմ։ Իմ աշխարհի որ կողմը նայես, այնտեղ հացառատ դաշտ է ու ամեն տեղ հատիկների շեղջեր են դիզված»։

Վեյնեմեյնենը նորից երգեց և Իոուկախայնենը այս անգամ մինչև կոկորդն ու ծնոտը խրվեց ճահճի մեջ։ Մամուռներն արդեն մտան բերանը։ Այս անգամ ամբարտավան տղան բոլորովին սարսափահար՝ աղերսեց․

«Ո՛վ դու իմաստուն Վեյնեմեյնեն, ազատիր ինձ այս ծանր վիճակից, վերացրու կախարդանքը, խնայիր իմ կյանքը, ոտքերս քիչ է մնում պոկվեն, աչքերս արդեն մթնդում են․ թե որ այս դաժան կախարդանքը վերացնես, իմ քրոջը՝ Այնոյին ես կտամ քեզ, որին շատ է սիրում մայրը։ Իմ քույրը թող քո կինը դառնա, թող քո տունն ու դուռը մաքրի, թող լվանա քո շորերը, թող հյուսի թանկագին վերմակներ, թող քեզ համար մեղրահացեր թխի, որ ծերության օրերին չտխրես»։

Հավերժական երգասաց Վեյնեմեյնենը շատ ուրախացավ, որ տղան քրոջը՝ Այնոյին իրեն կնության է տալիս։ Եվ այսպես խոսեց․

«Ա՛յ , այդ մեկը շա՛տ լավ ասացիր, վաղուց եմ ցանկանում ամուսնանալ։ Մեն֊մենակ շատ եմ տխրում։ Երբ տանից դուրս եմ գալիս, ոչ ոք ձեռքը չի թափ տալիս ու ինձ հրաժեշտի խոսքեր չի ասում․ երբ տուն եմ վերադառնում, ոչ ոք ինձ «բարի վերադարձ» չի ասում։ Ես մենակ եմ, ինչպես որորը ծովում, ինչպես ցցուն ժայռը ալիքների մեջ, ինչպես սոսին լերկ սարի վրա․․․ այո՛, շատ լավ ասացիր, այ այդ խոսքերից սիրտս մխիթարվեց»։

Եվ ծերուկը նստեց ժայռին, երգեց մեկ երգ, հետո էլի մի ուրիշ երգ և ապա ասաց սրբազան խոսքեր ու կախարդանքը վերացրեց։

Տղան դուրս եկավ ճահճից, քար դարձած ձին կենդանացավ, շունն իր կերպարանքն առավ, սահնակն էլ պատրաստ՝ իր սարք ու կարգով։

Տղան շտապ սահնակը նստեց և մեծ աղմուկով դեպի տուն շտապեց։ Շտապելուց սահնակը կպցրեց տան դրունքին, ջարդվեց քաշանը, փչացավ լծասարքը։

Հայրն ու մայրը վախեցած դուրս եկան ու հարցրին, թե ինչ է պատահել։ Տղան դառն արցունքներ թափելով լացեց, գլուխը քաշ գցեց, շրթունքները սեղմեց․ դեմքն էլ արդեն խիստ սփրթնած էր։

Մայրն ուզեց իմանալ, թե ինչ է պատահել և հարցրեց․

«Ինչո՞ւ համար ես լալիս, իմ անգին որդի»։

Տղան պատասխանեց․

«Ո՛հ դու, իմ հարազատ մայր, ես մեծ փորձանքի մեջ ընկա, իզուր տեղը չեմ լալիս․ հարյուր տարի էլ անցնի իմ արցունքը չի ցամաքի․ ես այսուհետև բնավ չեմ ուրախանա․ չէ՞֊որ իմ ազիզ քրոջը, քո հարազատ աղջկան՝ Այնոյին կնության տվի այդ ծերուկ Վայնեմեյնեին, որ նրա տան գործն անի, նրա համար մեղրահացեր թխի»։

Մայրը ծափ զարկեց և ուրախ֊ուրախ ասաց․

«Մի տխրիր տղաս, ես շարունակ երազում էի, որ այդ մեծ հերոսը իմ աղջկա ամուսինը դառնա»։

Լսեց այս խոսքերն Այնոն և շատ տխրեց․ մայրը դիմեց աղջկան․

«Ինչո՞ւ ես լալիս, իմ ազիզ Այնո, դու մեծահամբավ ամուսին կունենաս, կնստես նրա տանը, հարմարավետ սենյակում՝ լուսամուտի դիմաց և բարիքներով լի կյանք կվայելես»։

Աղջիկը պատասխանեց․

«Օ՛հ, մայր իմ սիրելի, պատճառ ունեմ լալու․ ես չեմ ուզում զրկվել իմ մազերի գեղեցիկ հյուսկերից, չեմ ուզում տանը նստել, գլուխս շալով փաթաթել, ծերուկ Վեյնեմեյնենին կին դառնալ ու նրան ծառայել․ չեմ ուզում զրկվել մեր արևից, մեր լուսնից, մեր երկնակամարից․ չեմ ուզում հեռանալ տնից֊տեղից, եղբորիցս, հորիցս»։

Իսկ մայրն ասաց․

«Չէ, աղջիկս, մի տխրիր, իզուր արցունք մի թափիր, քեզ մեծ բախտ է վիճակվել, դու անպայման պետք է մարդու գնաս Վեյնեմեյնենին․ նրա երկրումն էլ ամեն ինչ կա․ արևն ամեն տեղ էլ պայծառ փայլում է, ամեն տեղ էլ դաշտերում ցորեն և այգիներում մրգեր են աճում։ Կամուսնանաս մեծ երգչի հետ և շատ բախտավոր կլինես»։

Ռունա Դ

Գեղեցկուհի Այնոն

Գեղեցկուհի Այնոն անտառ գնաց ծաղիկներ փնջելու։ Մի փունջ հոր համար քաղեց, մյուսը մոր համար և մի երրորդն էլ եղբոր համար։

Ծաղիկները գիրկն առած աղջիկն անտառից շտապում էր տուն։ Եվ ահա նրա դեմը ելավ Վեյնեմեյնենը․ նայեց աղջկան, նայեց նրա գեղեցիկ զգեստներին և այսպես խոսեց․

«Այսուհետև զուգվիր֊զարդարվիր միայն ինձ համար, մազերդ հյուսիր և գեղեցիկ ժապավեն կապիր ինձ համար, ծաղիկներ փնջիր ինձ՝ փեսացուիդ համար, պարանոցդ զարդարիր մարգարտե մանյակներով, խաչ կախիր կրծքիդ, ապրի՛ր, ապրի՛ր միայն ինձ համար»։

Աղջիկն այսպես պատասխանեց․

«Ես ոչ մեկի մասին չեմ մտածել, երբ կրծքիս խաչ եմ կախել, երբ մազերս հյուսել և ժապավեն եմ կապել։ Ես հասարակ զգեստներ կհագնեմ․ ճերմակ հաց չեմ ուզում, ես ուզում եմ իմ հոր տանը մնալ, իմ հարազատ մոր հետ ապրել և հաց ուտել»։

Եվ աղջիկը խաչն ու մարգարիտները հանեց վզից, մատներից էլ ոսկե մատանիները, մազերի հյուսքից քանդեց ժապավենը և նետեց գետին․ նետեց, որ հայրենի անտառն իր թավուտներում պահի այդ ամենը։ Ապա լաց ու կոծով նա հորական տուն հասավ։

Հայրը կացին էր պատրասում․ հարցրեց․

«Աղջիկս, ինչո՞ւ ես լալիս»։

«Պատճառ ունեմ լալու, հայր իմ, կորցրել եմ կրծքիս խաչը, անգին մարգարիտները»։

Բակում եղբայրն աղեղ էր պատրաստում․ հարցրեց․

«Քույրիկ, ինչո՞ւ ես այդպես դառն արցունք թափում»։

«Եղբայր իմ, պատճառ ունեմ լալու, կորցրել եմ ոսկե մատանիներս, մեջքիս արծաթե քամարը»։

Ահա և Այնոյի քույրը։ Նա հյուսվածք էր անում․ հարցնում է․ «Քույր իմ անուշիկ, ինչո՞ւ այդպես հոնգուր֊հոնգուր կուլաս»։

«Պատճառ ունեմ լալու, սիրելի քույրիկ, կորցրել եմ թանկագին գինդերս, կորցրել եմ հյուսքերիս գեղեցիկ ժապավենները»։

Այնոն գնաց մոր մոտ։ Մայրը ճաշի պատրաստություն էր տեսնում։

«Իմ խեղճ դստրիկ, ինչո՞ւ ես լալիս»։

«Օ՜հ իմ հարազատ, իմ կաթնատու մայր, լալիս եմ, քանզի խորն է վիշտս։ Պուրակում ծաղիկներ փնջեցի հայրիկիս համար, քե՛զ համար, մեկն էլ եղբորս համար։ Ուզում էի տուն վերադառնալ, մեկ էլ դեմս ելավ Օսմոյնենը[1] և ասաց․ «Այսուհետև զուգվիր֊զարդարվիր միայն ինձ համար․․․ ծաղիկներ փնջիր ինձ՝ քո փեսացու Կալեվայնենի համար․․․ ապրիր միայն ինձ համար»։ Իսկ ես իմ բոլոր զուգս ու զարդարանքը, խաչն ու մարգարիտները հանեցի վրայիցս շպրտեցի անտառի մեջ և Օսմոյնենին ասացի․ «Ես ամուսնանալու մասին չեմ մտածում․ ուզում եմ հորս տանը մնալ, իմ հարազատ մոր հետ ապրել»։

Մայրն այսպես պատասխանեց աղջկան․

«Լաց մի՛ լինիր դստրիկս, մի՛ տխրիր։ Ես քեզ լավ կկերակրեմ․ կարագ ու կաթնահունց կուտես և շատ ավելի կգեղեցկանաս․ խոզի միս էլ կուտացնեմ, որ առույգ ու աշխույժ լինես։ Կորցրած զուգս ու զարդարանքիդ մասին էլ մի մտածիր․ սարի մոտերքում պահեստ ունեմ, դու գնա այնտեղ և բաց ամենալավ արկղը․ կգտնես յոթը հատ սքանչելի երկնագույն զգեստներ և ոսկյա միջակապեր։ Երբ աղջիկ ժամանակս անտառ էի գնացել մորի քաղելու, այնտեղ հանդիպեցի արևի և լուսնի աղջիկներին ու նրանք կարեցին ինձ համար այդ զգեստները։ Այդ արկղում դու ուրիշ զուգս ու զարդարանք կգտնես, ― ոսկյա ժապավեն մազերիդ համար, մետակսյա շապիկներ, նուրբ գուլպաներ և փափուկ կաշիներից կարված կոշիկներ։ Սրտիդ ուզածի պես կհագնվես և շատ ու շատ գեղեցիկ կդառնաս»։

Բայց աղջիկը չի համոզվում․ գնում է բակը․ էլի լաց է լինում և այսպիսի խոսքեր է ասում․

«Երբ ուղեղումդ լավ մտքեր են ծնվում ու չես կարող դրանք գործադրել ու երջանկանալ, ապա նման ես այն ալիքին, որ առաջանում է դույլի մեջ, երբ դույլը շարժում ես, կամ նման փոսում մնացած այն ձյան շերտին, երբ վրա է հասնում գարունը։

Ավելի լավ էր, որ ես ծնված չլինեի և այսքան դարդ ու ցավ չտեսնեի։ Երանի թե ութ օրական չդարձած մեռնեի․ այն ժամանակ ինձ քիչ բան էր պետք՝ մի կտոր քաթան և մի փոքրիկ փոս։ Մայրս մի քիչ լաց կլիներ, հայրս ավելի քիչ, իսկ եղբայրս բոլորովին լաց չէր լինի»։

Օրերն անցնում էին և Այնոն չէր դադարում լալուց։ Մայրը կրկին հարցրեց, թե ինչո՞ւ է լալիս աղջիկը։

«Ինչպես լաց չլինեմ․ ավելի լավ էր դու ինձ ծովը նետեիր, որ ձկներին ընկերություն անեի, քան թե ծերուկին խոստանայիր, որ ինձ կնության կտաս։ Ծերուկն ինձ հարմար ամուսին չէ․ նա քայլելիս կսայթաքի֊կընկնի, ես պիտի նրան օգնեմ՝ ոտքի կանգեցնեմ, ուտելիս՝ վրան կթափթփի կերակուրը և ես հա՛ նրա շորերը պիտի մաքրեմ»։

Եվ մի օր էլ աղջիկը գնաց սարը, գտավ պահեստը, հագավ ամենալավ զգեստները, վիզը գցեց ոսկյա մանյակ, մազերին մետաքսյա ժապավեն կապեց, մատներին էլ հագցրեց անգին քարերով զարդարված մատանիներ։ Բայց սիրտն ուրախ չէր․ անցնում էր դաշտերով ու անտառներով և թախիծով ինքն իր հետ խոսում․

«Այո, հասավ ժամանակը, որ ես հրաժեշտ տամ աշխարհին, ինձ նետեմ ծովը։ Չէ՞ որ հայրս ինձ համար լաց չի լինի, մայրս էլ ինձ չի խղճում, քույրս ու եղբայրս էլ շատ չեն տառապի ինձ համար»։

Գնաց մեկ օր, երկու օր, երրորդ օրվա վրա հասավ ծովափին։ Մութ գիշերը վրա հասավ․ դժբախտ աղջիկն ամբողջ գիշերը լաց եղավ․ երբ լույսը բացվեց, տեսավ երեք աղջիկներ, որոնք ուզում էին ծովը մտնել լողանալ։ Աղջիկը շորերն հանեց վրայից, կոշիկները մի կողմ շպրտեց, գուլպաները կախեց ծառի ճյուղից, ծովափի ավազի վրա դրեց ոսկյա մանյակն ու մատանիները։

Երբ Այնոն ջուրը մտավ, տեսավ աղջիկները հասել են ափից մի քիչ հեռու սպիտակին տվող քարերին։ Ինքն էլ լողաց ու հասավ սպիտակ քարին․ ուզեց նստել հանգստանալ։ Նստեց֊չնստեց ժայռի բեկորը պոկվեց և Այնոյին էլ հետը ծովի հատակը տարավ։

Եվ ծովի խորքից լսվում էր աղջկա աղիողորմ կանչը։

«Ես ծովը մտա, որ լողանամ, բայց դժբախտություն եկավ գլխիս։ Իմ սիրելի հայր, իմ հարազատ մայր, ես ծովի հատակը սուզվեցի, այժմ ձկներին քույր դարձա, նրանց հետ պիտի հավերժորեն ապրեմ։ Հայր իմ սիրելի, մինչև մահ֊գերեզման այստեղ ձուկ չորսաս, այստեղ, ո՛ւր քո ջահել աղջիկը սուզվեց մութ ջրերում։ Մայր իմ հարազատ, մինչև կյանքիդ վերջին օրն այստեղից ջուր չվերցնես ոչ խմորի, ոչ լվացքի համար, այստեղ, ուր քո սիրասուն աղջիկը սուզվեց մութ ջրերում։ Եղբայր իմ սիրելի, մինչև մահ֊գերեզման այս ծովի ջրերում չլողացնես քո ձիուն․ այն ալիքները, որ խփում են ավազոտ ափերին, այդ ալիքները քո քրոջ արյունն են, իմ ոսկորներն են շաղ տված այստեղ, իսկ քարերի արանքում բուսած մամուռներն էլ քո խեղճ քրոջ գիսակներն են»։

Ձայնը հասավ մոր ականջին․ մայրը զղջաց, որ ստիպում էր աղջկան ամուսնանալ ծերուկի հետ․ դառն արցունք թափեց ու ասաց․

«Մայրեր, եթե ձեր աղջիկներին զոռով, իրենց կամքին հակառակ պիտի ամուսնացնեք իրենց չսիրած մարդու հետ, ավելի լավ է, որ նրանց չխնամեք, չմեծացնեք»։

Եվ այնքան լացեց մայրը, որ նրա արցունքներից երեք առուներ գոյացան․ ամեն առվի մեջտեղը մի թումբ բարձրացավ, իսկ թումբերի վրա կեչիներ աճեցին՝ երեք բարձրաբերձ կեչիներ։ Ամեն մի կեչու վրա նստեց ոսկեգույն կկու։

Եվ կկուները երգում էին անընդհատ։
Մեկ կկուն «սե՛ր, սե՛ր» էր գեղգեղում։
Մյուս կկուն՝ «փեսա՛, փեսա՛» էր կանչում։
Երրորդ կկուն՝ «երջանկությո՛ւն, երջանկությու՛ն» էր խոստանում։
Եվ գիշեր ոի դերել չէր լռում կկուների կչկչոցը։
Բայց աղջիկը սիրո փոխարեն մահն էր գտել ծովում։
Փեսացուն մնացել էր վշտահար ու մենակ։

Իսկ մայրը՝ երջանկության փոխարեն ամբողջ կյանքում պետք է լաց լիներ։

Մայրը նորից ողբաց ու ասաց․

«Այսուհետև կկուների կանչը չպիտի լսեմ․ հենց որ լսում եմ, սրտիս կսկիծը սաստկանում է և արցունքս վարարում է գետի նման․ վա՜յ իմ գլխին, որ աղջկանս անբախտացրի, ծովի մութ ջրերին բաժին դարձրի»։

Ռունա Ե

Վեյնեմեյնենը գնում է ծովափ, փնտրում է Այնոյին

Լուրը հասավ Վեյնեմեյնեին։ Ծերուկ երգիչը լաց֊լացեց ամբողջ օրը․ գիշերը մինչև լույս ողբաց իր սիրեցյալ աղջկա, չքնաղ Այնոյի այդպիսի տխուր վախճանի համար։

Մյուս օրը նա տխուր֊տրտում գնաց ծովափ։ Թախիծով նայում է ալիքներին ― գուցե թե աղջիկը մի հրաշքով դուրս գա ծովի փրփուրների միջից։ Բայց չէ՛, ալիքները բախվում էին ափերին, իսկ Այնոն չկար ու չկար։

Այն ժամանակ Վեյնեմեյնենը պարկից հանեց պղնձյա կարթը արծաթյա երկար թելով և ոսկյա խայծով։ Կարթի կոթն ամուր պահեց ձեռքում և թելը ոսկյա խայծով նետեց ծովը․ «Գուցե թե ծովի խորքից կարողանամ դուրս բերել աղջկան» ― մտածում էր ծերուկը։

Ամբողջ գիշերը նա նստեց կարթը ձեռքին, և երբ արդեն լուսացել էր, նկատեց, որ կարթաթելը շարժվում է․ շտապ դուրս քաշեց և տեսավ, որ խայծին կպած է մի ձուկ։ Զգուշությամբ ձուկն ազատեց խայծից ու դրեց ավազին։ Ձուկը թպրտում էր, բայց նման չէր մինչ այդ ծերուկ երգչի տեսած ձկներին։

Ծերուկն ուշադիր նայեց ձկանն ու ասաց․

«Զարմանալի ձուկ է, ոչ սիգի է նման, ոչ լոսդու, ոչ տառեխի․ այսպիսի ձուկ առաջին անգամն եմ տեսնում»։

Հանեց դանակն և ուզում էր կտրտել ձուկը, մի փոքր ակռատ անել, մի մասն էլ պահել ճաշի, մյուս մասն էլ ընթրիքի համար։ Դեռ դանակը չէր մոտեցրել փորին, որ ձուկը թպրտաց և սոթ տալով՝ Վեյնեմեյնենի ձեռքից ազատվեց ծովն ընկավ։

Ձուկը շփշփոցով սկսեց ափին մոտիկ լող տալ․ մերթ երևում էր մի կողով, մերթ մյուսով․ երբեմն էլ պոչն էր դուրս հանում, վերջը գլուխը բարձրացրեց ալիքների միջից և խոսեց․

«Ո՛վ դու ծերուկ Վեյնեմեյնեն, ես նրա համար դուրս չեկա ծովի հատակից, որ դու ինձ կտոր֊կտոր անես և քեզ համար ակռատ, ճաշ և ընթրիք սարքես»։

Վեյնեմեյնենը հարցրեց․

«Հախա ինչո՞ւ ծովի խորքերից բարձրացար ալիքների վրա»։

Ձուկը պատասխանեց․

«Նրա համար բարձրացա ալիքների վրա, որ քո կինը դառնամ, մտնեմ քո տունը, ամբողջ կյանքումդ քեզ ուրախացնեմ, քեզ համար մեղրահաց թխեմ, փրփրուն գարեջուր մատուցեմ․․․ որ քո անկողինը կարգի բերեմ, գլխիդ տակ փափուկ բարձեր դնեմ, որ տունդ ու բակդ մաքուր պահեմ, փայտ կրեմ և վառարանում բոցը միշտ անշեջ պահեմ։ Ախր ես ձուկ չեմ։ Ո՞նց դու ինձ չճանաչեցիր․ ախր ես Իոուկախայնենի քույրն եմ, իմ անունն է Այնո․․․ ես այն եմ, որին դու փափագել ես ամբողջ սրտով և ամբողջ կյանքումդ ձգտել ես գտնել․․․ իսկ հիմա տեսնում եմ, ով դու ծերուկ, որ խելքդ թռցրել ես․․․ էլ ինձ չես կարող բռնել, ես ծովի ամենաչքնաղ հավերժահարսը կդառնամ»։

Ծերուկ Վեյնեմեյնենը աղաչանք արավ․

«Ուրեմն դու Իոուկախայնենի քո՞ւյրն ես․ իմ չքնաղ Այնո՞ն․․․ ո՛հ, դուրս արի ծովից, շուտ դուրս արի, որ քեզ տանեմ իմ երկիրը, իմ օջախը շենացնեմ»։

Բայց ձուկ աղջիկը ծովի խորքը սուզվեց և այլևս չվերադարձավ։

Ծերուկ Վեյնեմեյնենը խորը մտատանջության մեջ ընկավ։ Մեծ ուռկան սարքեց և շատ տեսակի ձկներ որսաց, բայց այլևս չկարողացավ բռնել այն սիրունիկ ձուկ֊աղջկան, որի համար ինքը տառապել էր և որը ծովի չքնաղ հավերժահարսը դարձավ։

Ծերուկը գլուխը քաշ գցեց և ինքն իր հետ խոսեց․

«Ո՛հ, չէ՞ որ ես թե խելք ունեի և թե զգայուն սիրտ։ Մի՞թե այդ ամենը կորցրել և հիմարացել եմ։ Մի՞թե ծերությունը հաղթահարել է ինձ և անպետք մարդ եմ դարձել։ Նրան ում երազում ու ձգտում էի, գտա, բայց ինչպե՞ս եղավ, որ չճանաչեցի իմ սիրելի Այնոյին, նույնիսկ ուզեցի կտոր֊կտոր անել․ աղջիկն էլ փախավ֊ազատվեց ձեռքիցս և ծովի մութ խորքերտ գնաց»։

Տխուր֊տրտում քայլում էր նա, ծանր հոգոց էր քաշում և մտածում, ― չեմ հասկանում, թե ի՞նչ անեմ, էլ ինչպե՞ս ապրեմ այս աշխարհում․ այսպես թափառելով ո՞ւր կհասնեմ։ Ա՜խ, երանի մայրս ողջ լիներ․ նա ինձ խորհուրդ կտար, որ այս դառն ցավերից չտանջվեի և մի բանով մխիթարվեի։

Եվ հանկարծ մայրը ծովի խորքից ձայն տվեց․

«Իմ սիրելի որդի, քո մայրը չի մեռել․ մի՛ տխրիր, մի՛ հուսահատվիր, որ զրկվեցիր քո սիրած Այնոյից։ Արիացի՛ր և գնա Պոխյոլա․ այնտեղ շատ գեղեցկուհիներ կան։ Գնա, ընտրիր ամենագեղեցիկ, ճկունիրան, արագաքայլ աղջկան և հետն ամուսանցիր, բախտավորվիր»։

Ռունա Զ

Իոուկախայնեն իր նետով ուզում է պատուհասել Վեյնեմեյնենին

Երունի երգասաց Վեյնեմեյնենը պատրաստվեց գնալ այն հեռավոր ցուրտ ու մշուշապատ աշխարհը։

Հեծավ իր աշխույժ, փրփրաբաշ ձին ու ճամփա ընկավ։ Իր հայրենի լուսառատ Կալեվալայի դաշտերով անցավ, հասավ ծովեզրի քարքարոտ ափերին։

Եվ ահա՛ երիտասարդ Իոուկախայնենը, այդ անպիտան լապլանդացին, որ ոխով էր լցված դեպի ծերունին և խիստ նախանձում էր նրան, ուզեց կործանել երգչին։

Նա պղնձից աղեղ շինեց։ Աղեղալարն էլ արագավազ եղջերուի ջղերից սարքեց։ Ապա նետեր սարքեց երկաթից և նետերի ծայրերին էլ օձի թույն քսեց։

Չար տղան դարանակալ սպասում էր, թե երբ կերևա Վեյնեմեյնենը։ Ու մի առավոտ նա տեսավ, որ արշալույսի շողերի միջով իր ձին է քշում ծերունի երգիչը, սլանում է դեպի Պոխյոլա։

Մայրը մոտեցավ որդուն և հարցրեց․

«Ո՞ւմ համար ես պատրաստել այդ աղեղն ու թունավոր նետերը»։

Տղան պատասխանեց․

«Այս նետերը ծովերի բարեկամ Վեյնեմեյնենի համար եմ պատրաստել, այն երգչի համար, որ ինձ հաղթեց․ այնպես պիտի խփեմ, որ նետը թիկունքից մտնի և սիրտը ծակելով դուրս թռչի»։

Մայրը բռնեց տղայի ձեռքն ու ասաց․

«Կալեվալայի երգիչ Վեյնեմեյնենին ձեռք չտաս, նա ինձ ազգական է։ Եթե այդ հզոր երգչին սպանես, ուրախությունը կքչանա աշխարհից։ Ինչքան կարող ենք, պետք է ուրախ ապրենք այս աշխարհում, թե չէ բոլորս էլ վերջ ի վերջո Տուոնելիի ատորերկրյա աշխարհն ենք գնալու, իսկ այնտեղ ամեն ինչ մռայլ է և հավիտենական խավար»։

Տղան մի պահ մտքերի մեջ ընկավ, բայց նախանձը շատ խորն էր բույն դրել հոգում, ասաց․

«Թող աշխարհից վերանա ուրախությունը, թող երկրից չքանա երգը․ ես ուղիղ նշանառությամբ Վեյնեմեյնենին կսպանեմ և նորից կդառնամ առաջինը բոլոր երգիչների մեջ»։

Նենգ տղան մոր աղաչանքը չլսեց, վազեց հասավ ճամփի եզրին, որտեղից պիտի անցներ Վեյնեմեյնենը և թաքստոցից լարեց աղեղը։

«Թռիր իմ նետ, եղջերուի ջիղը լավ եմ պնդացրել․ թռիր և պատուհասիր Վեյնեմեյնենին։ Թե նշանս նրա սրտից ցած լինի, դու թռիր վեր․ թե նշանս նրա սրտից բարձր լինի, դու թռիր ներքև և խոցիր երգչին»։

Ասաց ու աղեղնալարը ձգեց․ նետը շատ վերև թռավ և կորավ ամպերի մեջ։

Երկրորդ նետը էլ բոլորովին ներքև թռավ և խրվեց ավազների մեջ։

Այս անգամ արդեն նա երրորդ նետը հանեց պայուսակից, ավելի պինդ լարեց աղեղը և նետեց։

Բայց երրորդ զարկին էլ նետը չպատուհասեց Վեյնեմեյնենին։ Թունավոր նետը կպավ ձիուն և նրա մեկ թիակի տակից մտնելով, մյուս թիակի տակից դուրս ցցվեց։

Ձին սայթաքեց ու ընկավ ծովը։ Այստեղ սոսկալի փոթորիկ բարձրացավ, ծովն ալեկոծվեց և, Վեյնեմեյնենին պոկելով ձիու մեջքից, ալիքների վրայով քշեց խորերը։

Իոուկախայնենը ափից տեսավ այս բոլորը․ նրա չարնախանձ սիրտը հրճվեց ու նա բարձր֊բարձր խոսեց․

«Ո՛հ, ծերուկ Վեյնեմեյնեն, դու այլևս երբեք արևն ու լուսինը չես տեսնի, Կալեվալայի փարթամ֊ընդարձակ դաշտերում այլևս երբեք քո երգը չի լսվի։ Յոթը տարի օրորվիր ծովի ջրերի վրա, ութը տարի էլ բաց ծովում թող հողմը քեզ տաշեղի նման քշի այս ու այն կողմ։ Հետո սուզվիր սև ջրերի խորքը․ քո ոտքն այլևս չի դիպչի հայրենիքիդ հողին»։

Տղան տուն դարձավ․ մայրը հարցրեց․

«Մի՞թե դու սապնեցիր Կալեվի որդուն»։

«Այո՛, ես սպանեցի Վեյնեմեյնեին․ նա ընկավ ծովի պղտոր ալիքների հորձանքում, և փոթորիկը նրան քշեց, սուզեց սև ջրերի անդունդը»։

Մայրը շատ ափսոսաց և ասաց․

«Դու, թշվառակա՛ն, շատ վատ բան արիր․ ինչպե՞ս ձեռքդ զորեց Կալեվալայի երգչին սպանել։ Դու սև նախանձից շատ ստոր ու չար գործ արիր»։

Ռունա Է

Վեյնեմեյնենը արծվի թևերին նստած հասնում է Պոխյոլա․ մռայլ երկրի տիրուհին խոստանում է երգչին կնության տալ իր աղջիկը, եթե նա սարքի հրաշք֊ինքնաղաց Սամպոն

Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը վեց ցերեկ և վեց գիշեր լողաց ծովի ալիքների վրա։ Ներքևը անդունդ, վերևը՝ կապույտ երկինք։ Էլի երկու օր հորձանքը նրան սոճու տերևի նման քշում էր այս ու այն կողմ։ Շատ հոգնեց երգիչը․ եղունգները պոկվեցին մատներից և նա այսպես խոսեց․

«Վա՜յ ինձ թշվառ ծերուկիս, թողի հեռացա իմ հայրենի հողից և ահա ընկել եմ ծովի ամենակուլ հորձանքի մեջ։ Չգիտեմ ինչպես ապրեմ այս ցուրտ ծովում․ մի՞թե եկել է իմ կյանքի վերջը․ չէ՞ որ ծովի ալիքների վրա տուն չի կարելի սարքել»։

Եվ ահա Լապլանդիայից թռավ հասավ մի արծիվ․ նրա մի թևը դիպչում էր ծովի ջրերին, մյուսը հասնում էր ամպերին․ պոչով ալիքներին էր փարվում, կտուցով խփում էր ժայռերին։

Արծիվը տեսավ Վեյնեմեյնենին և հարցմունք արավ․

«Ով դու դյուցազն, ինչու ես ընկել այս կապույտ ալիքների մեջ»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Պատմեմ, իմացի՛ր, թե ինչո՛ւ ես, դյուցազնս, ընկել եմ ծովի կապույտ ալիքների մեջ․ գնում էի Պոխյոլա, այնտեղից աղջիկ ուզելու․ ձիս արագ սլանում էր ծովափով և ահա՛ լուսադեմին, հանկարծ սուր նետով սպանեցին իմ ձիուն․ ինձ էլ ուզում էին սպանել, բայց ես ծովն ընկա։ Եվ քամիներն ինձ քշեցին ծովի խորերը․ չգիտեմ ինչ կլինի իմ վերջը, քաղցի՞ց կմեռնեմ, թե՞ կսուզվեմ անդունդն ու կխեղդվեմ»։

Երկնասլաց արծիվն այսպես պատասխանեց․

«Դու բոլորովին մի տխրիր․ նստիր իմ մեջքին, և ես քեզ կտանեմ, որտեղ ցանկանաս։ Ես լավ եմ հիշում այն օրը, երբ դու Կալեվալայի անտառում ծառերն էիր այրում, որ բացատ ստեղծես, հողը պարարտացնես և վար ու ցանք անես։ Դու բարձրաբերձ֊գեղակազմ կեչի ծառը պահպանեցիր, որ թռչունները հանգստանան նրա վրա, որ ես էլ գամ ու թառեմ նրա կատարին»։

Վեյնեմեյնենը շատ ուրախացավ․ համարձակ լողաց, մոտեցավ արծվին և նստեց երկնասլացի մեջքին։

Արծիվը երգասացին մեջքին առած, թռավ, անցավ քամիների միջից, հասավ Հյուսիսային աշխարհը՝ Պոխյոլան․ ծերուկին իջեցրեց մի հրվանդանի մոտ և ինքը նորից թռավ անհայտացավ։

Վեյնեմեյնենը նայեց չորս կողմը և դառն֊դառն լաց եղավ․ տեղն անծանոթ էր, ինքն էլ մեջքին ու կողերին հարյուր վերք ուներ, մազմորուքն էլ աճել ու թափվել էր․ չէր գտնում մի ճամփա, որ վերադառնա այն աշխարհը, որտեղ ինքը ծնվել և ապրել էր հանգիստ ու իր երգով հիացրել բոլորին։

Օրերից մի օր, Պոխյոլայի տիրուհու աղախինը գոմը մաքրեց և աղբը տարավ ու թափեց արտի եզրին․ տուն դարձավ թե չէ, տիրուհուն ասաց․

«Ես ծովի կողմից հեկեկոցի ու լացի ձայն առա»։

Պոխյոլայի տիրուհին՝ Լոուխին, որ ատամները թափած մի պառավ էր, տանից դուրս եկավ, լսեց լացի ձայնը և ասաց․

«Այսպես ոչ երեխաներն են լալիս, ոչ էլ կանայք, այսպես լալիս են միայն դյուցազուն տղամարդիկ»։

Պառավը նավակ նստեց և հասավ հրվանդանին, որտեղ Վեյնեմեյնենը կուչ եկած լալիս էր։ Պոխյոլայի տիրուհին հարցրեց․

«Ա՛խ, խեղճ ծերուկ, դու ընկել ես օտար աշխարհ»։

Վեյնեմեյնենը մղկտաց․

«Գիտեմ, որ ընկել եմ օտար աշխարհ․ ես իմ հայրենիքում հայտնի մարդ էի, և շատ էր տարածված իմ փառքն ու համբավը»։

Լոուխին հարցրեց․

«Ես կուզեի իմանալ, և թույլ տուր հարցնել, ի՞նչ մարդ ես դու, ո՞ր դյուցազուններին ես ընկերություն արել»։

Ծերունի Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Ինձ իմ հայրենիքի պարծանքն էին համարում․ Կալեվալայի տարածությունների երգիչն էի, իսկ այժմ այս դժբախտ վիճակում, ես ինքս ինձ չեմ ճանաչում»։

Լոուխին ասաց․

«Այդ խոնավ տեղից դուրս արի, մտիր իմ նավակը, որ ինձ պատմես քո ճակատագիրը»։

Լոուխին ծերուկին նստեցրեց նավակի նստարանին, ինքն էլ թիավարեց և քիչ հետո հասան պառավի շքեղ տունը։ Տիրուհին քաղցած երգասացին լավ կերակրեց, և ամբողջ մեկ շաբաթ թողեց, որ հանգստանա։ Ծերուկն արագ կազդուրվեց, առաջվա նման էլի առույգացավ։ Նոր միայն Լոուխին սկսեց իր հարցուփորձը։

«Այժմ պատմիր Վեյնեմեյնեն, ինչո՞ւ էիր դու այդպես դառն արցունք թափում ծովի ափին»։

Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Շատ պատճառներ ունեմ լալու․ քանի՜ օր ու գիշեր ես լողում էի փոթորկոտ ծովի վրա և շատ տառապեցի փրփրոտ ալիքների հարվածներից։

Նրա համար եմ լալիս ու տանջվում, որ հեռացել եմ իմ Հայրենիքից և ստիպված եմ բախել օտար դռներ։ Այստեղ ամեն ինչ ինձ խորթ է, ծառերի ճյուղերն իսկ փշի նման ծակծկում են մարմինս․ միայն քամին է ինձ ծանոթ․ միայն արևն է ինձ հարազատ այս օտար հորիղոնում»։

Պոխյոլայի տիրուհին ասաց․

«Մի լար, մի տխրիր, ով Վեյնեմեյնեն։ Լավ կլինի, որ այստեղ մնաս, քեզ կկերակրեմ լավ ձկներով և խոզի ընտիր մսով»։

Ծերունի Վեյնեմեյնենը այսպես խոսեց․

«Օտար աշխարհում ինձ պետք չէ նույնիսկ ամենաընտիր ուտելիքը։ Ամեն տեղից լավը մարդու համար իր հարազատ տունը, իր հայրենական օջախն է, ամեն մարդ իր երկրում մեծ պատիվ ունի»։

Ապա ծերուկը վերև նայեց ու խնդիրք արավ․

«Ո՛վ մեծազոր ստեղծիչ, օգնիր ինձ, որ նորից տուն դառնամ, կրկին իմ հայրենի հողը տեսնեմ։ Ավելի լավ է մարդ իր սեփական տանը ոտնամանով ջուր խմի, քան օտար երկրում ոսկե ամանով մեղր ուտի»։

Պառավ Լոուխին ասաց․

«Ի՞նչ կխոստանաս անել ինձ համար, ի՞նչ կտաս ինձ, եթե ես քեզ տանեմ֊հասցնեմ քո հայրենիքը, քո տան շեմը»։

Վեյնեմեյնեն ասաց․

«Իսկ ի՞նչ կուզես ստանալ, եթե ինձ հասցնես իմ հայրենիքը, որտեղ ես կրկին լսեմ կկուների կանչը, թռչունների դայլայլը․ արդյոք գլխարկով լի արծա՞թ կուզես, թե՞ ոսկի կուզես ստանալ»։

Պոխյոլայի տիրուհի ատամնաթափ Լոուխին պատասխանեց․

«Ո՛վ դու իմաստուն Վեյնեմեյնեն, հավերժական երգասաց, ես ոսկու սիրահար չեմ, արծաթի կարիք չունեմ․ ոսկին նրա համար է, որ երեխաներին խաղալիքներ սարքեն, արծաթով էլ ձիերի թամբերը զարդարեն։ Կարո՞ղ ես դու արդյոք սարքել Սամպո։ Ինքնաղաց Սամպո սարքել, որ ինչ բարիք պետք է մարդուն, նա ստեղծի ինձ համար։ Կարո՞ղ ես բադի փետուրից, ոչխարի բրդից, կովի անապական կաթից և գարու հատիկից ինձ համար սարքել հրաշալի ինքնաղաց, որ երբ ուզենամ այլուր աղա, երբ պետք լինի՝ աղ, իսկ մի կողմից էլ փող դուրս գա։ Եթե ինձ համար գեղեցիկ, պսպղուն կափարիչով Սամպո սարքես, այն ժամանակ իմ աղջիկը քեզ կնության կտամ և քեզ քո տունը կհասցնեմ, որպեսզի դու քո հայրենի աշխարհի կկուների կանչը լսես և թռչունների դայլայլունով հմայվես։ Իսկ եթե Սամպոն չսարքես, այլևս քո հայրենի աշխարհը չես տեսնի»։

Ծերուկ Վեյնեմեյնեն ասաց․

«Չեմ կարող ես Սամպո սարքել, Սամպո, որ գեղեցիկ, պսպղուն կափարիչ ունենա և բարիքներ ստեղծի։ Բայց երբ տուն վերադառնամ, ճարտար դարբին Իլմարինենին կուղարկեմ։ Հիասքանչ դարբին է նա և աշխարհի մեջ նրա նման ուրիշը չկա․ նա քեզ համար կկոփի, կկառուցի Սամպոն»։

Չար պառավ Լոուխին պատասխանեց․

«Լա՜վ, հավատում եմ քո խոսքին։ Հիմա քեզ ցույց կտամ քո Հայրենիքի ճամփան։ Բայց իմացի՛ր, իմ գեղեցիկ աղջկան, իմ ուրախ թռչնակին ես միայն նրան կտամ կնության, ով ինձ համար կսարքի հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։

Եվ Լոուխին մեկ ընտիր ձի հանեց ախոռից, լծեց սահնակին ու ասաց․

«Լսի՛ր, ով դու ծերուկ Վեյնեմեյնեն, քանի դեռ ձին չի հոգնել և մթնշաղը չի ընկել, քանի դեռ չես մոտեցել տանդ, դու գլուխդ չբարձրացնես և երբեք չնայես երկնքին։ Եթե պատվերս մոռանաս, գլուխդ բարձրացնես և երկնքին նայես, մեծ փորձանքի կհանդիպես և ճակատագիրը քեզ չարաչար կպատժի»։

Վեյնեմեյնենը մտրակեց ձիուն․ ձին խրխնջալով ճամփա ընկավ ու ծերունի երգասացը հեռացավ Պոխյոլայի մռայլ ու դաժան աշխարհից։

Ռունա Ը

Վեյնեմեյնենը Պոխյոլայի գեղեցկուհու համար նավակ է սարքում, բայց կացնով վիրավորում է իր ծունկը

Շտապում է ծերուկ Վեյնեմեյնենը, որ շուտ հասնի ու տեսնի իր հայրենի դաշտերն ու պուրակները, չքնաղ Կալեվալայի մարգագետինները։

Ձին այնպես արագ է սլանում, որ նրա սմբակներից կայծեր են թռչում։

Եվ հանկարծ երգասացը գլխավերևում ինչ֊որ դժվժոց լսեց։ Մոռացել էր նա պառավ Լոուխիի պատվերը․ գլուխը վեր բարձրացրեց և ինչ֊որ տեսավ ― զարմացավ․ անկշտում նայում էր։ Յոթնագույն ծիծանի վրա նստել էր Պոխյոլայի չքնաղ աղջիկը և մանարանի վրա թել էր մանում։ Նրա քնքուշ ձեռքերում, ինչպես թռչնակը, խլվլում էր արծաթյա մաքոքը և մատների արանքից ձգվում էր ոսկյա թելը։

Վեյնեմեյնենը ձիու սանձը քաշեց․ կանգ առավ և դիմեց գեղեցկուհուն․

«Ո՛վ դու երկնքի և երկրի զարդ․ ձանձրալի՞ չէ մենակ աշխատել այստեղ։ Վար իջիր, նստիր իմ սահնակը, ես քեզ կտանեմ իմ հայրենիքը, դու կլինես իմ տան տիրուհին, մեղրահացեր կթխես, փրփրուն գարեջուր կպատրաստես, զվարթ երգեր կերգես և ուրախ օրեր կանցկացնես Կալեվալայի Հարթավայրերում»։

Գեղեցկուհին այսպես պատասխանեց․

«Ես գնացի դաշտը, ման եկա մինչև իրիկուն․ տեսա ծառի ճյուղին թառած կեռնեխին։ Սիրունիկ թռչունը երգում էր․ հետո տեսա երաշտահավին․ մեկից, ապա մյուսից հարցրի․ «Ասա անուշիկ թռչնակ, ինչպե՞ս է լավ ապրել աշխարհում, մնամ հայրիկիս ու մայրիկիս տա՞նը, թե՛ ամուսնանամ և դառնամ մարդուս հնազանդ կինը»։ Թռչնակն ինձ պատասխանեց․ «Արևը ջերմացնում է, բայց ծնողական սերն ավելի ջերմ է։ Սառնամանիքին երկաթն անգամ կուչ է գալիս, իսկ ամուսնու տանն աղջկա համար նույնն է, ինչ տաք օջախից ընկնես սառնամանիքի մեջ։ Հորական տանն աղջիկը ոնց որ մի քաղցր պտուղ է ծառի վրա, իսկ ամուսնու մոտ՝ ոնց որ շղթայված շուն։ Ստրուկը հազվադեպ է քնքշանքի արժանանում, իսկ կինը երբեք փաղաքշանք չի տեսնի»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Դատարկ խոսքեր են դրանք։ Չամուսնացած աղջկան միշտ երեխայի տեղ են դնում, իսկ ամուսնացածներին բոլոր հերոսները հարգում են։ Իջիր, իջիր գեղեցկուհի և նստիր սահնակը։ Ես ոչ մեկ փեսացուից վատը չեմ և դյուցազունների շարքում էլ վերջինը չեմ»։

Պոխյոլայի գեղեցկուհին այսպես խոսեց․

«Ես չգիտեմ, թե դու ինչով ես նշանավոր․ քո սխրանքների մասին ոչինչ չեմ լսել։ Այ, եթե մազը կտրես բութ դանակով, այն ժամանակ կհավատամ, որ հերոս ես և կդառնամ քո կինը»։

Վեյնեմեյնենը շատ չմտածեց․ մորուքից մի մազ պոկեց, գրպանից հանեց դանակը և բութ կողմով մազը մեջտեղից երկու կես արեց։

Իսկ գեղեցկուհին ասաց․

«Ես այնքան ժամանակ չեմ նստի քո սահնակը, մինչև սառույցից ինձ համար միլեր չսարքես, և այնպես սարքես, որ սառույցի ոչ մեկ կտորը չփշրվի»։

Վեյնեմեյնենը դանակի սուր ծայրով այնպես վարպետությամբ սառույցից միլեր սարքեց, որ ոչ մի կտոր սառույց չփշրվեց։

Իսկ գեղեցկուհին նորից գոհ չէր, ասաց․

«Մազ կտրել կարող է նույնիսկ երեխան, սառույցից միլեր սարքելն էլ մեծ բան չէ։ Ես այն մարդու հետ կամուսնանամ, այն մարդուն հերոս կանվանեմ, ով իմ թեշիկների կտորտանքից ինձ համար նավակ կսարքի։ Եվ նավակն էլ այնպես պիտի ջուրն իջեցնի, որ ոչ ձեռք տա նավակին, ոչ էլ սրունքներով կամ մեջքով հրի նավակը»։

«Այս երկնքի տակ չկա մեկը, որ ինձ նման նավակ սարքի․ դա իսկական իմ գործն է» ― պատասխանեց Վեյնեմեյնենը։

Վերցրեց ջարդված թեշիկների կտորտանքը և սայրասուր քարերի վրա սկսեց տախտակներ պատրաստել։ Աշխատեց մեկ օր, երկու օր։ Աչքերն էլ լավ էին տեսնում, ձեռքերն էլ վարժ էին աշխատում։ Բայց երրորդ օրը կացնի ձայնը հասավ անտառի չար ոգի Հիյսիին։ Զայրացավ Հիյսին և որոշեց հանդուգն մարդուն դաս տալ։

Եվ ահա՛, երբ Վեյնեմեյնենը նորից բարձրացրեց կացինը, որ փայտը տաշի, այդ պահին չար Հիյսին կախարդանք արավ․ կացինը սուր բերանով ամուր կպավ ժայռին, դիպա՛վ և կարծր ժայռից թափով ետ թռավ ու նույն թափով դիպավ Վեյնեմեյնենի սրունքին։

Խորը վերքից հորդ արյուն դուրս ժայթքեց։

«Հիմար, անբան կացին, ― մղկտաց Վեյնեմեյնենը, ― ինչո՞ւ դու ինձ այդպիսի ծանր վերք հասցրիր։ Ինչ է, կարծում էիր, թե վայրի սոճի՞ն ես կտրում, կամ թե ուժդ ուզում ես փորձել առատաճյուղ եղևնո՞ւ վրա, կամ հաստարմատ կեչի՞ն ես ուզում տապալել, երբ այդպես թափով խփեցիր սրունքիս և երակս կտրեցիր»։

Ծերուկը վերքի վրա դրեց և՛ խոտեր, և՛ քարաքոս, և՛ ճահճի մամուռ, բայց աղբյուրի նման հոսող արյունը չի կարողանում դադարեցնել։ Արյունը հա թափվում է հողին, ծաղիկներին և առվի նման հոսում է մարգագետնի միջով։

Ծերունի երգասացը չի հիշում այն խոսքերը, որոնք ամուր վիրակապի նման կապում են վերքը և ինչպես կողպեք փակում են հորդահոս արյան ճամփան։

Մեծ դժվարությամբ Վեյնեմեյնենը ձին լծեց սահնակին և ճամփա ընկավ, որ գտնի այնպիսի մեկին, որն իր իմաստությամբ նրա վերքը բուժի։

Հասավ մի գյուղ․ երեք ճամփա կար։ Ծերուկը գնաց ներքին ճամփով․ հենց առաջին տան դիմաց կանգնեցրեց ձիուն և տնեցոց հարցրեց․

«Այս տանը չկա՞ այնպիսի մեկը, որ բուժի հերոսին, որ դադարեցնի վերքից հոսող արյունը»։

Վառարանի մոտ նստած մի մանկիկ պատասխանեց․

«Այստեղ այդպիսի մարդ չկա․ ուրիշ տեղ հարցրեք, գուցե այնտեղ ձեզ բուժեն»։

Ծերուկը գնաց միջին ճանապարհով․ կանգնեց փողոցի մեջտեղի տան առաջ և լուսամուտից այսպիսի հարցմունք արավ տնեցիներին։

«Այս տանը չկա՞ այնպիսի մարդ, որ իմ վերքը բուժի, որ մեղմացնի իմ ցավերը»։

Վառարանի մոտ նստած պառավ կինը պատասխանեց․

«Այստեղ այդպիսի մարդ չկա․ մյուս փողոցը գնա, գուցե այնտեղ քեզ բուժող գտնես»։

Ծերուկը ձին քշեց վերին ճանապարհով․ կանգնեց ամենավերջին տան առաջ․ հարցրեց․

«Այս տանը չկա՞ այնպիսի մարդ, որ դադարեցնի արյան հեղեղը, որ սանձահարի չար երկաթը»։

Ապիտակամորուս մի ծերունի պատասխանեց․

«Իմաստուն խոսքով կարելի է ջրվեժի հոսանքն էլ դադարեցնել, վարար գետերի ընթացքն էլ սանձահարել։ Ներս արի, ով դու հերոս, ես քեզ կօգնեմ»։

Ռունա Թ

Թե ինչպես է առաջացել երկաթը․ բալասան երկաթի առաջացրած վերքի դեմ

Իջավ սահնակից Վեյնեմեյնենը և առանց որևէ մեկի օգնության մտավ ծերունու տունը։

Ծերունին իր փոքրիկ տղային պատվիրեց, որ մի ոսկե թաս բերի։ Եվ երբ տղան թասը բերեց ու դրեց Վեյնեմեյնենի առաջ, դյուցազնի արյունը բերնեբերան լցվեց թասի մեջ ու սկսեց պռունկներից թափվել․ բերին յոթը տակառներ․ դրանց մեջ էլ չտեղավորվեց հերոսի վերքից հոսող արյունը։

Ծերուկը դիմեց Վեյնեմեյնենին․

«Ասա՛, տեսնեմ, ի՞նչ մարդ ես դու, որ դյուցազուններին ես ընկերություն արել։ Գիտեմ, դյուցազն ես, որ այսքան առատ արյուն հոսեց քո վերքից, հիմի էլ հոսում է հողի վրա։ Եթե իմանայի, թե ինչպես է ստեղծվել երկաթը, ինչպես է առաջացել պողպատը, ես կզսպեի նրա չար բնույթը և կդադարեցնեի ծնկից հոսող արյունը»։

«Ես գիտեմ, ― պատասխանեց Վեյնեմեյնենը, ― թե ինչպես է առաջացել պողպատն ու երկաթը։ Երկնային հաստիչ Ուկկո Աստվածը երկնքի և ջրի սահմանը գծեց, հետո ջուրն ու ցամաքը զատեց իրարից։ Բայց դեռ երկաթ չկար երկրի վրա։ Եվ ահա՛ Ուկկո Աստվածը ձեռքերը շփեց իրար, հետո ձախը՝ ձախ ծնկան վրա շփեց․ ծնվեցին երեք աղջիկներ․ աղջիկներն ամպերի վրայով իջան երկրի վրա․ նրանց ստինքները լինքն էին կաթով, և կաթը նրանց պտուկներից առատորեն թափվում էր հողի, ճահիճների և ջրերի վրա։

Առաջնեկ աղջկա կրծքից սև կաթ էր թափվում, միջնեկի կրծքից սպիտակ կաթ, իսկ ամենափոքրի կրծքից կարմիր կաթ էր թափվում։

Սև կաթից փափուկ մետաղ ստեղծվեց, իսկ այնտեղ, ուր ճերմակ կաթն էր թափվում, պողպատ ստեղծվեց, կարմիր կաթի կաթիլներից էլ ամուր երկաթ գոյացավ։

Այս էլ ասեմ․ օդը՝ աշխարհի վրա գոյություն ունեցող ամեն ինչի մայրն է։ Նա ունի երեք տղա։ Անդրանիկ որդու անունն է ջուր։ Կրտսեր որդու անունն է երկաթ։ Միջնեկինը՝ ջեռ կրակ։

Եվ այս եղբայրները հաշտ չեն։ Կրակ եղբայրը միշտ բորբոքուն է․ ուզում է լափել երկաթ եղբորը։ Դրա համար էլ երկաթը փախչում է եղբորից, որ ազատվի նրա անհագուրդ երախից, փախչում է հեռու֊հեռու, մտնում է լեռների խորքը, թաքնվում գետնի տակ, ճահիճների մեջ, անտառների արահետներում, ուր գայլերն ու արջերն են ապրում։

Եվ ահա՛ ծնվեց Իլմարինենը։ Այդ հերոսը ծնվեց մութ գիշերին ածուխի հանքում։ Նա մեկ ձեռքում մուրճ ուներ, մյուսում՝ ունելի։ Մի հարմար տեղ նա դարբնոց սարքեց, քուրան դրեց մեջտեղը, կողքին էլ փուքս։ Հետո արջերի և գայլերի հետքերով գնաց, գտավ երկաթը և այսպես խոսեց․

«Ո՛հ, խեղճ երկաթ, դու շատ խորն ես թաքնվել։ Ես քեզ դարբնոց կտանեմ, որտեղ, բոցերի մեջ խարկվելով, կուժեղանաս, տղամարդկանց ձեռքին սուր կլինես, կանանց համար էլ ապարանջան»։

Նույն գիշերն էլ Իլմարինենը երկաթը դարբնոց բերեց, դրեց քուրայի մեջ և փուքսը գործի դրեց։

Երկաթը ձայն տվեց․

«Օ՛, դարբին Իլմարինեն, հանիր ինձ քուրայից․ այստեղ կրակն ու բոցը ինձ կհոշոտեն֊կոչնչացնեն»։

Այսպես պատասխանեց Իլմարինենը․

«Թե քեզ քուրայից հանեմ, դու շատ անողորմ կլինես, եղբորդ ծանր վերք կհասցնես, կտոր֊կտոր կանես»։

Այն ժամանակ երկաթը դարբնին և քուրային, մուրճին ու սալին երդում տվեց․

«Անտառում շատ փայտ կա, որ կտրեմ, կարող եմ քարն էլ փշրել, բայց եղբորս ձեռք չեմ տա, մորս որդուն չեմ վնասի։ Եթե ես մարդկանց մոտ գնամ, նրանց կօգնեմ, օգտակար գործիք կդառնամ․ դա ավելի լավ է, քան եղբորը վերք հասցնելը»։

Իլմարինենը երկաթից կացին, խոփ, փոցխ, նիզակ և ամեն տեսակ գործիքներ էր կոփում․ բայց երկաթը դեռ նրա ուզածի նման ամուր չէ։

Եվ ահա՛ դարբինը տեսավ, որ մի մեղու է թռչկոտում դարբնոցի մոտով․ ասաց․

«Թռիր, մեղու, գնա այնտեղ, ուր շատ ծաղիկներ կան և յոթը ծաղիկներից մեղր հավաքիր ու թևերիդ վրա բեր ինձ, որ մեղրը խառնեմ երկաթին, ամուր պողպատ ստանամ և երկաթն է՛լ ավելի ամուր դարձնեմ»։

Մեղուն, այն ձիաբոռը, գնաց չար Հիյսիի անտառը, բայց ծաղիկներից մեղր չհավաքեց, այլ գնաց օձերի բույնը և խորամանկ օձի սև թույնը բերեց։

Իսկ Իլմարինենը մտածում էր, որ այդ մեղուն անպայման կերթա և փեթակներից ընտիր մեղրը կհավաքի կբերի։ Եվ երբ մեղուն վերադարձավ, ճարտար դաբինն ասաց․

«Ուրախ եմ, որ ինձ համար բերել ես անուշ մեղր՝ հավաքված բուրումնավետ ծաղիկներից։ Ես պողպատ և ամուր երկաթ կկոփեմ, որ մարդիկ դրանցով բարի գործեր անեն»։

Քուրայից հանելով պողպատն ու երկաթը, դարբինը դրանք թաթախեց ձիաբոռի բերած թանձր հեղուկի մեջ։

Դարբնոցից դուրս գալով պողպատը, (ինչպես նաև երկաթը), ավելի նենգ ու չարագործ դարձավ և ինչպես ստոր շուն դրժեց իր երդումը։ Նա անխնա խփում էր եղբորը և արյան գետեր հոսեցնում»։

Վեյնեմեյնենը ավարտեց իր պատմությունը, իսկ նրա խորը վերքից արյունը հա հոսում էր։

Սպիտակամորուս ծերունին ասաց․

«Այժմ իմացա, թե ինչպես է ստեղծվել երկաթը, իմացա նաև թե նրա նենգ բնույթն ինչից է առաջացել։ Բայց կարելի է սանձահարել նաև այդ չարագործ երկաթին»։

Եվ ծերուկն այսպես խոսեց․

«Չար երկաթ, նենգ պողպատ, դու ոչ սարսափելի էիր, ոչ էլ չնչին մի բան։ Հին ժամանակներում դու թաքնված էիր լեռների ընդերքում, ճահիճների խորքում էիր պահված․ դու խառնված էիր հողի կոշտերին և ժանգոտ փոշի էիր միայն․ թե եղջերուն, թե այծերը քեզ իրենց ոտքերի տակ տրորում էին, գայլն ու արջն էլ իրենց թաթերով փորփրում էին այն տեղերը, ուր դու թափթփված էիր։

Երբ քեզ դարբնոց տարան, դու ոչ սարսափելի էիր, ոչ էլ չնչին մի բան․ երբ քուրայում, ջեռ կրակի մեջ սկսեցիր այրվել, դու դարբնին և քուրային, նրա մուրճին ու սալին, այն վարպետ Իլմարինենին երդում տվիր, թե եղբորդ վերք չես հասցնի, մորդ որդուն չես վնասի։ Հիմա ուժեղ ու սարսափելի ես դարձել, ով դու պողպատ և ինչպես ստոր շուն դրժել ես երդումդ։ Դու հիմա ահռելի ոճիրներ ես գործում, վերքեր ես հասցնում մարդկանց և ահա՛ արյունն էլ անդադար հոսում է»․․․

Ապա ծերունին խոսքն ուղղեց հոսող արյանը․

«Կենարար արյուն, բավական է այդպես վարար հոսես․ տես, ամբողջ դեմքս ու կուրծքս կարմիր ես ներկել։ Հանդարտվիր, ինչպես ջուրն է հանդարտ մնում ավազանում։

Իսկ եթե պետք է, որ հավերժորեն հոսես, ապա հոսիր մարդու երակների միջով, հոսիր ամենանրբին մազանոթների միջով, հասիր մարմնի մինչև ամենավերջին ծայրը․ իզուր տեղը մի թափվիր գետնին, մի խառնվիր փոշուն։ Քո բնակարանը պետք է սիրտը լինի, թոքերի մեջ՝ քո պահեստը։ Շո՛ւտ, ետ դարձիր դեպի քո տունը և այդպես իզուր մի հոսիր ու լճակներ կազմիր։

Ես պիտի դադարեցնեմ արյունը․ չէ՞ որ ես էլ հերոս եմ ծնվել, ինձ կօգնի Արարիչը, որ ապրում է ամպերից վեր։ Նա կարող է փակել արյան ճամփան»։

Ապա ծերունին հայացքն հառեց դեպի վեր։

«Ով դու Ուկկո, հաստիչդ երկնային, մի պահ վար իջիր երկնքից, օգնիր ինձ։ Քո հզոր հրաշագործ մատը սեղմիր վերքի վրա, որ այլևս արյունն իզուր տեղը չհոսի»։

Եվ սպիտակամորուսի ամեն մի խոսքի հետ արյունն ավելի դանդաղ սկսեց հոսել վերքից և քիչ անց բոլորովին դադարեց։

Այն ժամանակ ծերունին կանչեց իր փոքրիկ տղային, հրամայեց, որ գնա ու քնքուշ ծաղիկներ ու բույսեր քաղի բերի, ծերպերից էլ անուշիկ մեղր հավաքի բերի։

Տղան գնաց բերեց այդ բոլորը և լցրեց մի կաթսայի մեջ, ապա վառեց վառարանը և կաթսան դրեց վրան։ Իննը գարնանային ցերեկ և իննը լուսնկա գիշեր հրաշագործ դեղը եփվում ու եփվում էր։

Տասներորդ օրը տղան կաթսան վերցրեց կրակի վրայից և ինքն իրեն ասաց․ ― «Ի՞նչ բանի վրա փորձեմ դեղի ուժը»։

Նայեց տղան չորս կողմը և տեսավ, որ դաշտի միջում ընկած էր փոթորկից ճղակոտոր եղած մի կաղամախի։ Տղան դեղը քսեց ծառի կոտրված բնին․ քիչ անց ծառի բունը կրկին իր նախկին տեսքը ստացավ, ծածկվեց փարթամ ճյուղերով ու տերևներով։

Տղան ապա գնաց դեպի ժայռերը, դեղը քսեց ճաքած քարին և քարի ճաքած մասերն ամուր, շատ ամուր կպան իրար։

Այն ժամանակ միայն տղան գնաց ծերունի հոր մոտ, դեղը տվեց նրան և ասաց․

«Վերցրու, հայրիկ, այս դեղն այնպիսի ուժ ունի, որ քարերն էլ է ամուր կպցնում իրար, մեռած չորացած ծառն էլ կենդանացնում֊փարթամացնում է»։

Ծերունին հրաշագործ դեղը քսեց մետաքսյա վիրակապի վրա, դրեց Վեյնեմեյնենի ծնկան վերքին և աղոթեց․

«Ով ամենակալ տեր, պահապան եղիր քո ստեղծածին, որպեսզի դժբախտությունը մեզ մոտ չգա, որպեսզի ազատ լինենք փորձանքից․ օգնի՛ր, որ հեղուկը բուժիչ բալասան լինի այս փառապանծ հերոի համար»։

Ակնթարթ էլ չանցավ, ինչ ծերուկը դեղեց հերոսի ծունկը և ահա վերքն այնպես լավ փակվեց, որ մաշկի վրա բնավ չանգռվածի հետք էլ չմնաց։ Հերոսի մարմինն էլի առաջվա նման առույգ ու կայտառ դարձավ։

Վեյնեմեյնենեը աչքերը դեպի երկինք հառեց և այսպես խոսեց․

«Այո՛, ամենազորն է, որ երկնքից մարդկանց առաքում է բարիքներ։ Հավերժ փառք բարձրյալին, որ օգնության հասավ և ինձ ազատեց սարսափելի տանջանքներից, որ ստացել էի չար պողպատի հարվածից»։

Եվ այսպես ավարտեց երգասացն իր խոսքը։

«Ո՛վ սերունդներ, որ աշխարհ կգաք ինձանից հետո, գրազով ոչ իլիկ սարքեցեք, ոչ էլ նավակ։ Եվ մի պարծեցեք ձեր գիտեցածով։ Ամեն սկսած գործ Աստծու ողորմածությամբ է ավարտվում։ Առանց բարձրյալի հերոսը թույլ արարած է, և նրա ձեռքերն անզոր են»։

Ռունա Ժ

Իլմարինենը կռում֊կոփում է հրաշալի ինքնաղաց Սամպոն

Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը ձին լծեց սահնակին, ինքն էլ հարմար նստեց և մտրակեց ձիուն։

Սահնակն անցավ դաշտերով, ճահիճներով ու բլուրներով և վերջապես երրորդ օրը հասավ հայրենի աշխարհը։ Այստեղ նա հիշեց անպիտան Իոուկախայնենին և այսպես խոսեց․

«Անմի՛տ պարծենկո՛տ․ ասում էր, թե ես այլևս ողջ֊առողջ չեմ վերադառնա իմ երկիրը․ չեմ տեսնի իմ չքնաղ Կալեվալան, չեմ տեսնի իմ հայրենիքը լուսավորող արևն ու լուսինը։ Թող գայլը խժռի այդ անպիտան, չարալեզու լապլանդացուն»։

Եվ Վեյնեմեյնենը քշում է սահնակը հայրենի դաշտերով․ նոր շունչ, նոր ոգի առած երգում է իմաստուն երգեր։ Այնքան հրապուրիչ է նրա երգը, որ թվում է, թե լուսինը և յոթնատեղյան Մեծ Արջը իջել են երկնքից և թառել եղևնու ճյուղերին ու նրա երգն են լսում։

Բայց Վեյնեմեյնենն ինչքան մոտենում էր տանն, այնքան ավելի էր տխրում․ չէ՞ որ իր գլուխը փրկելու համար խոստացել էր հմուտ դարբնին իբրև պատանդ ուղարկել այն մռայլ աշխարհը՝ Պոխյոլա։

Նա սահնակից դուրս եկավ և դարբնոցից լսեց մուրճի հարվածների ձայնը։ Դարբինը հենց տեսավ Վեյնեմեյնենին, մուրճը դրեց զնդանին ու հարցրեց․

«Ով դու ծերուկ երգասաց, որտե՞ղ էիր այսքան ժամանակ, ո՞ր աշխարհում, ո՛ր կողմերում»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Ես այն մռայլ ու դաժան Պոխյոլայումն էի, Լապլանդիայի կախարդների աշխարհն էի ընկել»։

Դարբինը նորից հարցրեց․

«Իսկ դու, հավերժական գուշակող, ինչպե՞ս էիր ապրում այնտեղ և ինչպե՞ս վերադարձար հայրենիք»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Քեզ ամեն ինչ կպատմեմ, բայց հիմա լսիր․ կա այնտեղ մի հուր֊հրաշք աղջիկ․ նա ոչ մի դյուցազնի հետ չի ուզում ամուսնանալ։ Արևից էլ պայծառ է այդ աղջկա դեմքը․ կրծքին փայլփլում են աստղերը․ բոյն էլ չինար ու նազանի․ ով դու ճարտար դարբին Իլմարինեն, գնա՛ Պոխյոլա, գնա՛ տես այդ չքնաղ աղջկան։ Եթե կարողացար սարքել պսպղուն կափարիչով հրաշք֊ինքնաղաց Սամպոն, այն ժամանակ մայրն այդ աղջկան քեզ կընծայի»։

Այսպես պատասխանեց Իլմարինենը․

«Ով ծերուկ Վեյնեմեյնեն, երևի դու խոստացել ես ինձ ուղարկել այդ դաժան ու մռայլ աշխարհը, որ քո գլուխն ազատես չար պառավից։ Մի՞թե դու ուզում ես, որ ես փորձանքի մեջ ընկնեմ։ Ո՛չ, ո՛չ, քանի շնչում եմ, չեմ ուզում այդ դաժան աշխարհը գնալ, չեմ մտնի Պոխյոլան՝ այդ մռայլ երկիրը, ուր խժռում են հերոսներին, ուր մարդկանց ծովն են նետում»։

Չգիտե ինչ անի իմաստուն Վեյնեմեյնենը։ Չէ՞ որ նրա խոսքին հավատաց Լոուխին և իրեն անվնաս ճամփու դրեց։ Իսկ տրված խոստումը մարդուն ավելի պինդ է կապում, քան պարանը։ Եվ ծերուկը մտածեց․ «Երևում է պիտի խորամանկություն անեմ, քանի որ Իլմարինենը ինձ չի ուզում հանել այս նեղ դրությունից։ Եվ այսպես ասաց երգասացը․

«Ես ուրիշ հրաշք եմ տեսել։ Այնտեղ ուր վերջանում են Կալեվալայի ծաղկուն դաշտերը, աճել, բոյ է քաշել մի եղևնի․ նրա տերևները ոսկուց են․ այդ ոսկյա տերևների վրա փայլփլում է յոթնաստեղյան Մեծ Արջը, իսկ ոսկյա կատարին էլ իջել է լուսինը»։

«Ո՛չ, չեմ հավատում, թե երկրի վրա այդպիսի հրաշք կա, մինչև իմ աչքերով չտեսնեմ», ― ասում է Իլմարինենը։

«Թե չես հավատում, գնանք միասին այնտեղ և համոզվի՝ ճշմարի՞տն եմ ասում, թե՞ հորինում եմ», ― պատասխանեց երգասացը։

Եվ ճամփա ընկան․ առաջից գնում էր Վեյնեմեյնենը և ետևից Իլմարինենը։

Այնտեղ ուր վերջանում էին Կալեվալայի ծաղկուն դաշտերը, կանգ առավ Վեյնեմեյնենը և սկսեց երգել։ Նրա երգն այնքան դյութիչ էր, որ եղևնին ավելի վեր բարձրացավ և ոսկեղեն ճյուղերը փռեց չորս կողմ։ Ահա՛ ճյուղերին սկսեց փայլփլել յոթնաստեղյան արջը, ոսկյա կատարին էլ իջավ լուսինը։

Ծերուկ Վեյնեմեյնեն ասաց դարբնին․

«Մագլցիր ծառն ի վեր, եղբայր իմ, և վերցրու ոսկյա կատարից լուսինը, ոսկեղեն ճյուղերից էլ աստղերը։ Թե աչքերիդ չես հավատում, ձեռքերիդ արդեն կհավատաս»։

Իլմարինենը սկսեց մագլցել ծառն ի վեր, որպեսզի տիրանա լուսնին և աստղերին։ Այստեղ ոսկեղեն տերևները շարժվեցին և շշնջացին․

«Ով այր, դու շատ պարզամիտ ես, մագլցում ես ծառն ինչպես երեխա և ուզում ես վերցնել մի բան, որ չի բռնվի․ քո տեսածը լուսնի և աստղերի ցոլքն է»։

Բայց Իլմարինենը չի ուզում լսել եղևնու ասածը․ խիստ հրապուրիչ էր տեսիլքը։ Եվ երբ արդեն կատարին էր հասնում, Վեյնեմեյնենն ավելի ոգեշնչված երգեց․

«Ով դու, արագասլաց քամի, քո թևերի վրա վերցրու հերոսին և թռցրու հասցրու Պոխյոլա, այն մշուշապատ աշխարհը»։

Խիստ փոթորիկ բարձրացավ․ մրրիկն իր թևերի վրա առավ Իլմարինենին և թռավ լուսնից բարձր, արեգակից ցածր․ քիչ հետո Իլմարինենին հասցրեց Պոխյոլա, ուղիղ Լոուխիի բակում, բաղնիքի մոտ իջեցրեց հերոսին։

Շները նրա գալը չիմացան և չհաչեցին։ Դարբնի դեմը ելավ այն պառավ Լոուխին, որի ատամները թափված էին և տեսքը մռայլ էր․ պառավը հարցրեց․

«Ի՞նչ մարդ ես դու, ո՞ր դյուցազուններին ես ընկերություն արել։ Այդ ինչպե՞ս տեղ հասար, ցամաքո՞վ թե օդի միջով, ինչպե՞ս է, որ իմ շները քո գալը չիմացան և չհաչեցին»։

Իլմարինենը պատասխանեց․

«Ես նրա համար չեկա այստեղ, որ օտար աշխարհում ինձ շներն գզգզեն»։

Պոխյոլայի տիրուհին տեսավ, որ հասարակ մարդ չէ եկողը, հարցրեց․

«Դու չե՞ս ճանաչում արդյոք, կամ չե՞ս լսել հմուտ դարբին Իլմարինենի մասին։ Ես վաղուց եմ սպասում նրան մեր այս հեռավոր հյուսիսում, որ գա ու կոփի֊սարքի Սամպոն»։

Դյուցազնը պատասխանեց․

«Այդ հմուտ դարբնին ես ճանաչում եմ, Իլմարինենին լավ գիտեմ։ Ես ինքս հենց այդ Իլմարինենն եմ»։

Պառավ, ատամնաթափ Լոուխին տուն մտավ և այսպես խոսե․

«Դու իմ կրտսեր աղջիկ, լավ զուգվիր֊զարդարվիր, պարանոցդ գցիր ամենագեղեցիկ մանյակը, կուրծքդ զարդարիր ամենանուրբ գործվածքներով, այնպես արա, որ հոնքերդ լավ երևան և աչքերիդ փայլը պայծառ լինի։ Եկել է այն հմուտ դարբին Իլմարինենը, որ մեզ համար գեղեցիկ կափարիչով Սամպո՝ հրաշք ընքնաղացը սարքի»։

Պոխյոլայի գեղեցկուհին գնաց մոր պատվերի համաձայն հագավ ամենալավ զգեստները, զուգվեց֊զարդարվեց։

Իսկ պառավն Իլմարինենին տուն հրավիրեց, ամենալավ ուտելիքներով կերակրեց նրան և մի լավ էլ խմացրեց։ Ապա կանչեց աղջկան։

Աղջիկն եկավ և դարբինը տեսավ ու հիացավ․ աղջկա աչքերը փայլում էին ոնց֊որ աստղեր, թշիկները վարդի պես ալ կարմիր էին, մազերին սիրունիկ ժապավեններ կային, մեջքին ոսկե քամար, իսկ բազուկներին պսպղուն ապարանջաներ։

Պառավ Լոուխին ասաց․

«Ով դու հմուտ դարբին, թե որ բադի փետուրից, ոչխարի բրդից, կովի անապական կաթից և գարու հատիկներից ինձ համար հրաշք֊ինքնաղաց Սամպոն սարքես, այն ժամանակ դու քո աշխատանքի համար կստանաս մեծ նվեր․ այդ նվերը կլինի իմ գեղեցիկ աղջիկը․ նա քո կինը կդառնա»։

Այսպես պատասխանեց Իլմարինենը․

«Ես անպայման կսարքեմ Սամպոն, այդ քո ասած բադի փետուրից, ոչխարի բրդից, կովի անապական կաթից և գարու հատիկներից․ այո՛, գեղեցիկ կափարիչով հրաշագործ Սամպոն կսարքեմ, որ ամեն բարիք ստեղծի մարդու համար։ Չէ՞ որ ես սարքել եմ շատ բաներ, որ առաջներում չի եղել»։

Եվ գնաց ճարտար դարբինը հարմար տեղ փնտրելու իր դարբնոցի համար։ Ամբողջ Պոխյոլան ման եկավ, շատ օրեր անցկացրեց լեռներում ու դաշտերում և վերջապես գտավ մի հարմար քարանձավ։ Այնտեղ նա սարքեց հնոց, մյուս օրը հարմարեցրեց փուքսը, ապա զնդանն ամրացրեց գետնին։

Եվ այն ճարտար դարբինը վերցրեց բադի փետուրը, ոչխարի բուրդը, կովի անապական կաթը և գարու հատիկներն ու բոլորը գցեց հնոցի մեջ․ փուքսի մոտ ստրուկներ դրեց, որ քուրայի բոցը միշտ թեժ պահեն։

Երեք օր ու երեք գիշեր անդադարում աշխատեց դարբինն իր թեժ դարբնոցում և ահա՛ մյուս առավոտ ասաց․

«Տեսնենք ի՞նչ է ստացվել քուրայում»։

Բոցերի միջից հանեց մի ոսկեփայլ աղեղ՝ ամրակուռ դաստակով։

Աղեղը թեև արտաքինով շատ գեղեցիկ էր, բայց վատ հատկություն ուներ, ամեն օր նա զոհ էր պահանջում, իսկ տոն օրերին կրկնակի չափով։

Իլմարինենը դժգոհ էր իր սարքած աղեղից․ չէ՞ որ նա մարդկանց երջանկություն չէր բերում, այլ կոտորում էր, ուստի ջարդեց աղեղը, նետեց հնոցի մեջ և հրամայեց ստրուկներին թեժացնել կրակը։

Մյուս օրն ասաց․

«Հապա տեսնենք, ի՞նչ է կոփվել մեր քուրայում»։

Եվ բոցերի միջից հանեց մի սքանչելի նավակ։ Կարմիր էր նրա առագաստը, կողերն էլ ոսկեզօծ։

Նավակը թեև արտաքինով գեղեցիկ էր, բայց վատ հատկություն ուներ․ ինքն իրան կռվի էր գնում, առանց հրամանի պատերազմ մղում։

Իլմարինենը բոլորովին չուրախացավ նավակի այդպիսի հատկությունների համար։ Բարկացավ, ջարդ ու փշուր արեց նավակը և կրկին նետեց բոցերի մեջ։ Հրամայեց ստրուկներին ավելի բորբոքել կրակը։

Եվ ահա երրորդ օրը նա ասաց․ «Տեսնենք այս անգամ ի՞նչ է ստացվել մեր քուրայում»։ Հնոցից դուրս եկավ մի կով․ նրա կոտոշները ոսկուց էին և ճակատին արևն էր փայլատակում։

Կովը տեսքով լավն էր, բայց վատ հատկություն ուներ․ մշտապես քնում էր անտառում, մարդու մոտ չէր թողնում, և կաթը հոսում֊կորչում էր արոտներում։

Իլմարինենը կովը մաս֊մաս կտրտեց ու նետեց հնոցը։

Այս անգամ ճարտար դարբինը հրամայեց, որ քամիներն օգնեն իրեն։ Փչեցին արևելյան և արևմտյան, հյուսիսային և հարավային հողմերը և ավելի թեժացրին բոցերն հնոցում։ Կայծերը թռան դարբնոցից դուրս, ծուխը բարձրացավ հասավ ամպերին։ Երկու օր շարունակ հմուտ դարբինն աշխատեց դարբնոցում և երրորդ առավոտն ասաց․

«Տեսնենք, թե ինչ է ստացվել»։

Եվ տեսավ, տեսավ և հրճվեց։ Սամպոն էր ձև ու կերպարանք առնում, այն գեղեցիկ պսպղուն կափարիչով, ինքնաղաց Սամպոն։ Ճարտար դարբինը ձեռքն առավ մուրճը, ամուր կռեց ու կոփեց և ահա, վերջապես պատրաստեց Սամպոն։

Ինչ բարիք ցանկանաս՝ իսկույն կտա հրաշք֊ինքնաղաց Սամպոն։

Ալյո՞ւր է պետք՝ պատրաստիր պարկեր։

Ա՞ղ է պետք՝ տակառներ հասցրու։

Փո՞ղ է հարկավոր՝ հաշվիր ու վերցրու ուզածիդ չափ։

Պոխյոլայի ագահ պառավն անմիջապես վերցրեց հրաշագործ Սամպոն և տարավ դրեց պղնձակուռ անձավի մեջ․ երեք ոտքերով ամուր պատվանդան սարքեց․ ամեն մեկ ոտքը իննը սաժեն՝ խրված էր գետնի մեջ․ մեկ ոտքը անձավի խորքն էր իջնում, մյուսը ծովափի ուղղությամբ էր, երրորդն էլ ամրակուռ ժայռի կողմն էր ձգված։ Անձավի դռանն էլ ջադուն իննը պողպատե կողպեք դրեց։

Իլմարինենը աշխատանքն ավարտելով, այսպիսի խոսքերով դիմեց մռայլ Պոխյոլայի տիրուհուն․

«Ես իմ խոսքը կատարեցի, պատրաստեցի հրաշք֊ինքնաղաց Սամպոն․ կտա՞ս ինձ քո գեղեցկուհի աղջկան, որ տանեմ Կալեվալա, որ իմ տունը մտնի, իմ կինը դառնա»։

Պոխյոլայի գեղեցկուհին ինքը մոտեցավ ճարտար դարբնին և այսպես խոսեց․

«Եթե ես գամ քո երկիրը, հապա եկող ամառը կկուները ո՞ւմ համար պիտի կվկվան, ո՞վ պիտի հորդորի թռչուններին, որ այնպես անուշ֊անուշ գեղգեղան ու երգեն։ Երբե՛ք, երբե՛ք ես չեմ հեռանա իմ տնից, իմ մոր մոտից, երբեք չեմ թողնի մեր դաշտերն ու բլուրները։ Եթե ես հեռանամ իմ հայրենի աշխարհից, թռչուններն էլ ընդմիշտ կլռեն և մեր դաշտերի ու բլուրների վրա այլևս նրանց երգը չի լսվի»։

Շատ տխրեց Իլմարինենը։

Հրաշագորշ Սամպոյի տերը դարձավ ջադու Լոուխին։

Իսկ Սամպոն, այսպես էր սահմանված ճակատագրից, կարելի էր միայն մեկ անգամ կառուցել։

Դարբինը զրկվեց նաև գեղեցկուհուց․ նա գլուխը կախեց և դառն մտածմունքի մեջ ընկավ, որ պառավն այդպես խաբեց իրեն․ այժմ մտածում էր, թե ինչպես հեռանա այդ մռայլ ու դաժան աշխարհից և իր հայրենի աշխարհին հասնի։

Նենգ պառավն այսպես տխուր տեսնելով դարբնին՝ հեգնանքով ասաց․

«Ով ճարտար դարբին, ինչո՞ւ ես տխրել, գլխարկդ ինչո՞ւ է թեքվել․ գուցե մտածում ես, թե ինչպե՞ս հասնես քո հայրենի աշխարհը»։

Դարբինը պատասխանեց․

«Հենց այդ մասին եմ մտածում, թե ինչպես վերադառնամ իմ հայրենիքը և այնտեղ անցկացնեմ կյանքիս մնացորդը»։

Պառավը նրան կերակրեց, խմեցրեց, ապա մի նավակ տվեց և ճամփու դրեց։

Դարբինն սկսեց թիավարել․ նավակը սահեց ծովի կապույտ ջրերի վրայով՝ մեկ օր, երկու օր և երրորդ օրվա վրա Իլմարինենն հասավ իր հայրենի աշխարհը, մտավ այն տունը, ու ինքը ծնվել էր։

Վեյնեմեյնենը եկավ դարբնի մոտ ու հարցրեց․

«Ով դու իմ սիրելի եղբայր, կառուցեցի՞ր արդյոք Սամպոն»։

Ճարտար դարբինը պատասխանեց․

«Այո՛, կառուցեցի հրաշագործ ինքնաղաց՝ պսպղուն կափարիչով Սամպոն․ մի կողմով ալյուր է աղում նա, մյուսով աղ, իսկ երրորդ կողմից փող է ստացվում։ Եվ աշխատում է Սամպոն ամեն օր լուսաբացին․ մի չափ աղում է, որ ժողովուրդը գոհանա, մի չափ էլ աղում է վաճառքի համար, երրորդ չափն էլ խնջույքների համար»։

Ռունա ԺԱ

Լեմմինկայնենը ամուսնանում է գեղեցկուհի Կյուլլիկկիի հետ

Կալեվալայի ծովաշատ աշխարհի մի կղզում ապրում էր Կաուկոմեյլին, նույն ինքը Լեմպի որդի Լեմմինկայնենը․ գեղեցիկ ու թիկնեղ էր նա․ շատ համարձակ ձկնորս էր․ քաջ որսորդ և խիստ ուրախ երիտասարդ։

Բայց տղան թերություն էլ ուներ․ շատ էր սիրում աղջիկների ետևից ընկնել և գիշերներով թափառում էր այն տեղերում, որտեղ աղջիկները երգում ու պարում էին։

Մի օր էլ Լեմմինկայնենը լսեց, որ Սաարիում մի գեղեցիկ աղջիկ կա։ Շատ երկրներից փեսացուներ են եկել նրա ձեռքը խնդրել և աղջիկը մերժել է։ Էստոնիայից գնացած փեսացուին ասել է․

«Ձեր արծաթը և ոսկին իզուր մի ծախսեք, ես երբեք Էստոնիա չեմ գնա, նրա ջրերում չեմ նավարկի, ոչ ձեր ձուկն ու հացը կուտեմ, ոչ էլ ձեր ջուրը կխմեմ»։

Բայց ուրախ Լեմմինկայնենը ասաց․ «Չէ՛ որ չէ՛, ես պիտի անպայման Սաարի գնամ և այդ հպարտ աղջկա հետ ամուսնանամ»։

Մայրը որդուն հորդորում էր չգնալ․

«Իմ սիրելի որդյակ, մի՛ գնա, այդ աղջիկը նշանավոր տոհմի աղջիկ է, իսկ դու սովորական մի ձկնորս ես, քեզ աղջիկ չեն տա»։

Տղան պարծեցավ․

«Իսկ մի՞թե մեր տոհմը պակասն է նրանցից»։

Մայրն աղաչեց/

«Սիրելի որդյակս, թե գնաս այնտեղ և քո վարմունքով Սաարիի աղջիկներից մեկն ու մեկին նեղացնես, շատ դժվար դրության մեջ կընկնես։ Սաարիի բոլոր այրերն ու փեսացուները սրերով քեզ վրա կհարձակվեն, և դու մենակ չես կարողանա նրանց դիմադրել»։

Լեմմինկայնենը չլսեց մորը, իր ուժեղ ձին լծեց սահնակին և քշեց հասավ Սաարի։

Սաարիի կանայք ու աղջիկները, երբ տեսան թե ինչպիսի կոպիտ շարժ ու ձևերով, սահնակն էլ պատեպատ կպցնելով Լեմմինկայնենը գյուղ մտավ, սկսեցին ծիծաղել։

Լեննինկայնենը շրթունքը կծեց և այսպես ասաց․

«Ոչ մի տեղ ես չեմ տեսել ու չեմ լսել, որ կանայք և աղջիկները ծիծաղեն ինձ վրա»։

Եվ անմիջապես ավելացրեց․

«Այս Սաարիում կա՞ այնպիսի տեղ, որտեղ հավաքվում են աղջիկները․ ես լավ պարել ու երգել գիտեմ, աղջիկներին շատ կուրախացնեմ»։

Աղջիկները պատասխանեցին․

«Մեր Սաարիում շատ այդպիսի տեղեր կան, թե մարգագետիններում, թե անտառի բացատներում։ Թե կարող ես հովիվ դարձիր, ցերեկները հոտներն արածացրու, երեկոներն էլ աղջիկների հետ քեֆ արա»։

Լեմմինկայնենը առանց երկար֊բարակ մտածելու հովիվ դարձավ։ Ցերեկները հոտն էր արածացնում, իսկ երեկոյից մինչև ուշ գիշեր երգում ու պարում էր աղջիկների հետ։ Էլ ոչ ամուսնացածները, ոչ էլ օրիորդները նրա վրա չէին ծիծաղում։ Եվ ուրախ տղան շատ֊շատերի հետ երգեց֊պարեց, քեֆ քաշեց։

Բայց աղջիկների մեջ կար մեկը, որ նշանավոր տոհմից էր և բոլոր փեսացուներին մերժել էր և հիմա էլ Լեմմինկայնենի հետ ոչ երգում էր, ոչ պարում։ Այդ չքնաղ գեղեցկուհին Կյուլլիկկին էր։

Լեմմինկայնենը մի հարյուր անգամ փորձ արեց աղջկան մոտենալու, և մի օր էլ վերջապես ասաց, որ ուզում է նրա հետ ամուսնանալ։

Այն չքնաղ Կյուլլիկկին այսպես ասաց․

«Իզուր ես իմ շուրջ֊բոլորը ման գալիս։ Ես քեզ պես աղքատի հետ չեմ ամուսնանա։ Իմ փեսացուն պետք է թիկնավետ և գեղեցիկ լինի, չէ՞ որ ես բոլոր աղջիկներից գեղեցիկ եմ»։

Օրեր անցան, մի երեկո դյուցազնը տեսավ, որ մի խումբ աղջիկներ անտառի եզրին պարում են։ Նրանց մեջ էր նաև չքնաղ Կյուլլիկկին։ Լեմմինկկայնենը անմիջապես գնաց, թամբեց ամենաուժեղ ձին և քշեց պարողների կողմը։ Ճարպիկ շարժումով բռնեց աղջկա մեջքից, թռցրեց ձիու մեջքին և փախցրեց։ Քիչ հետո աղջկան դրեց սահնակի մեջ, պարանով կապեց և սահնակը քշելով, ձայն տվեց պարող աղջիկներին․

«Չլինի թե մատնեք ինձ, որ ես փախցրի Սաարիի չքնաղ աղջկան։ Լավ իմացեք, եթե չլսեք ինձ և մատնե՛ք, ես այնքան զորեղ եմ, որ ով էլ գա ինձ վրա, միևնույն է, ես բոլորին կջարդեմ և դուք կզրկվեք ձեր ամուսիններից, ձեր սիրած կտրիճներից»։

Իսկ Կյուլլիկկին տխուր ձայնով խնդրում էր․

«Թող ինձ վերադառնամ մեր տունը։ Մայրս հիմա լաց է լինում ինձ համար։ Եթե ինձ ազատ չթողնես, իմ հինգ եղբայրն ու հորեղբորս յոթը տղաները շուտով կհասնեն մեր ետևից և ինձ կխլեն քո ձեռքից»։

Բայց կտրիճը չթողեց, որ աղջիկը տուն դառնա։

Աղջիկը լաց եղավ, ասաց․

«Ա՛խ, ես իզուր ծնվեցի։ Մի՞թե նրա համար մեծացա, որ այսպիսի անպիտան մարդու կինը դառնամ, մի մարդ, որ միշտ պատրաստ է կռիվ անել»։

Կտրիճ Կաուկոմելին պատասխանեց․

«Կյուլլիկկի, դու իմ սրտի ծաղիկ, դու մեղրից էլ, բոլոր պտուղներից էլ քաղցր ես․ բոլորովին մի տանջիր քեզ։ Ես քեզ երբեք չեմ նեղացնի։ Քեզ կսիրեմ, կփայփայեմ, միշտ քո կողքին կլինեմ։ Ինչո՞ւ ես լալիս, այդպիսի դառն հոգոցներ հանում։ Դու կարծում ես, թե ես աղքա՞տ եմ։ Ո՛չ, ես ունեմ շատ կովեր, որոնք առատ կաթ են տալիս, իմ հայրենի դաշտերում շատ ընտիր պտուղներ են աճում, իմ տանը քեզ համար ամեն տեսակ ընտիր ուտելիք պատրաստ կլինի։ Ես թեև նշանավոր տոհմի զավակ չեմ, բայց ազնիվ ընտանիքի որդի եմ։ Իմ բազուկը շատ զորեղ է և իմ հայրն ու պապն էլ շատ մեծ համբավ են ունեցել։ Ով իմ դեմ գա, ես իմ թրով նրա դեմ կելնեմ, իմ թրից բոց է ցայտում, և ոչ մեկը չի դիմանա իմ հարվածին»։

Աղջիկը վախեցավ և ասաց․

«Որ այդպես է, Լեմպի որդի, թե ուզում ես, որ ես քո կինը լինեմ, թե ուզում ես ինձ գրկես֊փայփայես, երդվի՛ր, որ երբե՛ք այլևս կռիվ չես անելու։ Թե իմանաս կռիվ անելով, պատերազմ մղելով նույնիսկ շատ ոսկու և արծաթի տեր կլինես, երդվիր, որ ինձ չես թողնի և կռիվ չես սկսի»։

Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին, պատասխանեց․

«Ես հանդիսավոր երդում եմ տալիս, որ այլևս երբե՛ք կռիվ չեմ անի։ Ինչքան էլ ոսկու և արծաթի կարիք ունենամ, միևնույն է չեմ ցանկանա դրանք կռվով ձեռք բերել։ Դու էլ խոսք տուր, որ ինչքան էլ երգել ու պարել ցանկանաս, իմ տանից դուրս չես գնա, գյուղի փողոցներում ման չես գա»։

Այսպես երկուսով երդվեցին ամեն ինչ տեսնող Բարձրյալն Աստծու առաջ, որ Լեմմինկայնենը այլևս կռիվ չի գնա, Կյուլլիկկեն էլ խաղ ու պարի համար գյուղի փողոցներում չի ման գա։

Լեմմինկայնենը քշեց սահնակը և շուտով մոտեցավ հայրենի տանը։ Աղջիկը նայեց տունն ու ասաց․

«Այս խրճիթը մի քանի տեղից ճաքճքած է, երևում է մառանն էլ դատարկ է։ Իհարկե սրա տերը մի աննշան մարդ է»։

Բայց ուրած Լեմմինկայնենը պատասխանեց․

«Բոլորովին մի մտահոգվիր, ես քեզ համար լավ գերաններից և ընտիր տախտակներից նոր տուն կսարքեմ, սենյակները շքեղ կլինեն և տունն էլ ամեն բարիքով կլցնեմ»։

Եվ աղջկա ձեռքից բռնեց կտրիճ տղան ու երկուսով տուն մտան։ Մայրն ասաց․

«Իմ ազիզ որդի, ինչո՞ւ այդքան շատ մնացիր օտար աշխարհում»։

Տղան պատասխանեց․

«Դե հիմա կանայք և օրիորդները թող ծիծաղեն ինձ վրա։ Ես նրանցից ամենալավ ու գեղեցիկն ընտրեցի և իմ հորական տունը բերի․ սիրելի մայր իմ, ինչ որ ցանկանում էի՝ ձեռք բերեցի․ դե, ուրեմն, լավ ամուսնական անկողին պատրաստիր, փափուկ բարձեր դիր քո որդու և քո հարսի համար»։

Մայնր այսպես խոսեց․

«Փառք քեզ ամենակարող Աստված, որ դու ինձ այսպիսի հարս պարգևեցիր․ նա իմ օջախը կվառի, գեղեցիկ հյուսվածքներ կանի, լվացքը կանի, տուն ու տեղը մաքուր կպահի․․․ իսկ դու իմ հարսիկ, գոհ եղիր ճակատագրից, որ այսպիսի լավ ամուսին գտար։ Սիրելի որդյակս, դու էլ լայն լուսամուտներով նոր տուն սարքիր, թող սենյակները շքեղ լինեն և տունն էլ ամեն բարիքով լցրու․ չէ՞ որ դու այսպիսի սիրունիկ, մեծ֊նշանավոր տահմի աղջկա տիրացար»։

Ռունա ԺԲ

Լեմմինկայնենը գժտվում է կնոջ հետ․ թողնում է տունը և մեկնում է Պոխյոլա

Լեմմինկայնենը և Կյուլլիկկին շատ սիրով ապրեցին իրար հետ։ Ոչ տղան էր կռվի գնում, ոչ էլ աղջիկն էր գյուղամեջ ման գալիս։

Եվ ահա մի օր Լեմմինկայնենը գնաց ձուկ որսալու, որսը դժվար էր․ գիշերը տղան մնաց ծովափին։ Կյուլլիկին երեկոյան տանից դուրս գնաց, հասավ գյուղամեջ, ուր աղջիկները պարում էին։

Լեմմինկայնենի քույրը՝ Այնիկկին եղբորն ասաց․

«Իմ սիրելի եղբայր, երբ դու տանից բացակա էիր, Կյուլլիկկին գյուղամեջ գնաց և տղաների ու աղջիկների հետ պարեց»։

Երիտասարդ դյուցազնը մռայլվեց, շատ զայրացավ, մի ամբողջ շաբաթ խելքը գլուխը չէր գալիս․ վերջը մորն ասաց․

«Իմ թանկագին մայր, իմ վերնազգեստը լվա սև օձի թույնի մեջ, լվա և չորացրու, որ ես հագնեմ, գնամ կռվեմ Պոխյոլայի այրերի դեմ։ Ես այլևս չեմ կարող մնալ տանը․ չէ՞ որ Կյուլլիկկին իր երդումը դրժեց և գնաց գյուղամեջ տղաների ու աղջիկների հետ պարեց»։

Կյուլլիկկին այսպիսի խոսքերով դիմեց ամուսնուն․

«Ով դու իմ սիրելի Կաուկո, աղաչում եմ, կռիվ մի գնա․ գիշերը վատ երազ եմ տեսել․ մեր տունը կրակ էր ընկել, բոցերը լուսամուտից և դռներից այնպես էին ժայթքում, որ ամեն բան այրեցին֊մոխիր դարձրին»։

Ուրախ Լեմմինկայնենը պատասխանեց․

«Կանանց երազներին բոլորովին չեմ հավատում, ինչպես և չեմ հավատում նրանց երդումին»։

Ապա դարձավ մորը։

«Իմ սիրելի մայր, բեր իմ ռազմական կապան։ Ուզում եմ կռիվ գնալ, ուզում եմ խմել ռազմի գարեջուրը»։

Մայրը պատասխանեց․

«Իմ ազիզ որդի, կռիվ մի գնա․ մեր տանն ինչքան ասես գարեջուր կա․ խմիր ինչքան քեֆդ կուզի, խմիր առավոտից մինչև իրիկուն»։

Լեմմինկայնենը պատասխանեց․

«Չեմ ուզում տան գարեջուրը․ ռազմի դաշտում սովորական ջուրն ինձ համար ավելի լավ է, քան տան ընտիր խմիչքը։ Ասում եմ բեր իմ ռազմի կապան։ Ես պիտի Պախյոլա գնամ և այնտեղից ոսկի ու արծաթ բերեմ»։

Մայրն ասաց․

«Իմ սիրելի որդի, մենք տանը ոսկի էլ ունենք, արծաթ էլ։ Այ թե ինչ տեղի ունեցավ երեկ․ ստրուկը վարում էր արտը, որտեղ օձեր էին վխտում․ և ահա՛ հանկարծ հողում թաքցրած մի արկղ գտավ․ բացեցինք արկղը՝ մեջը լիքը ոսկի և արծաթ․ գնա՛նք, տե՛ս, մառանումն եմ պահել»։

Լեմինկայնենը պատասխանեց․

«Ես չեմ ուզում գետնի տակից պատահաբար գտնված գանձը․ ինձ համար շատ ավելի արժեք ունի կռվում ձեռք բերած ոսկին ու արծաթը, քան թե իմ տան լիքը սնդուկները․ բեր իմ ռազմի կապան, որ Պոխյոլա գնամ և այնտեղի այրերի դատաստանը տեսնեմ։

Ես ուրիշ միտք էլ ունեմ․ գնամ աչքովս տեսնեմ այնտեղի աղջիկներին և ամենագեղեցիկին ինձ կին բերեմ»։

Մայրը հորդորեց․

«Իմ սիրելի որդի, քո կինը՝ Կյուլլիկկին ամենքից սիրունիկն է։ Ամոթ է, որ տղամարդը իր անկողնում երկու կին ունենա»։

Տղան պատասխանեց․

«Կյուլլիկկին գյուղ է գնում, երիտասարդների հետ քեֆ է քաշում, ուրիշների տանն է գիշերում»։

Մայրը թախանձեց․

«Մի՛ գնա, իմ թանկագին զավակ․ դու կախարդությունից բան չես հասկանում, իսկ այնտեղ ամեն քայլափոխում կախարդների կհանդիպես և փորձանքի մեջ կընկնես։ Այնտեղ չար են մարդիկ․ նրանք կախարդանքով քեզ բորբոքուն կրակի մեջ կգցեն կամ վրադ տաք֊տաք փոշի կլցնեն։ Քո ուժովը դու չես հաղթի նրանց, ոչ էլ իմաստուն խոսքերով նրանց կզարմացնես»։

Լեմմինկայնենը համառեց․

«Ես նրանց կախարդանքի դեմ կախարդանք ունեմ։ Մեկ անգամ նրանք կախարդանք արին և ինձ ճահիճը գցեցին․ ես մինչև ծնկներս խրվեցի, բայց ես չնկճվեցի․ ումի՞ց էի պակաս որ․ ես ինքս էլ նույն րոպեին կախարդություն արի, երգեցի երգեր, որ սովորել էի հորիցս և ահա այն Պյոխոլցիք, որ ինձ վրա էին եկել սրով ու նիզակով, տապարով ու նետով, դրանց բոլորին գցեցի ծովի ամենաթունդ ջրապտույտի մեջ և նրանք իրենց զենքերով կորան֊ոչնչացան անդունդներում»։

Մայրը թախանձեց․

«Սիրելի որդյակս, Պոխյոլա մի գնա․ ջադու պառավը քեզ աղջիկ չի տա․ քեզ վրա կծիծաղեն։ Դու ոչնչով չես կարող պարծենալ․ իմացի՛ր, որ դու նշանավոր տոհմի զավակ չես»։

«Ես տեղն ու տեղս պարծանք եմ․ դե, շուտ, բեր կապան և ձեռնոցներս․ ես շուտ պիտի Պոխյոլա հասնեմ, գարեջուր խմեմ և հարսանեկան մեղր ուտեմ»։

Մայրը դարձյալ աղաչում է․

«Թեկուզ հազար տեսակ երգ էլ երգես, հազար տեսակ կախարդանք էլ անես, նրանց ձեռքից չես պրծնի․ նրանք չար, դաժան և խորամանկ են»։

Տղան անկոտրում էր․ այսպես պատասխանեց մորը․

«Ոչ, պիտի գնամ․ թող Պոխյոլայի բոլոր քաջերն իմ դեմ գան․ քամին ի՞նչ կտանի ժայռից։ Երբ մի տուն դատարկ է՝ մահը ի՞նչ կտանի այդ տանից ― ահա այդքան էլ պոխյոլեցիք կվերցնեն ինձնից։ Ես նրանց կախարդանքին կախարդանքով կպատասխանեմ․ նրանց խոսքերի դեմ էլ ունեմ իմ խոսքերը։ Դե՛, բե՛ր, սիրելի մայրիկ, բե՛ր իմ զգեստները»։

Եվ տղան հագավ երկաթապատ կապա, պողպատե քամար կապեց մեջքին, կողքից էլ կախեց թուրը՝ կաշվե պատյանի մեջ։ Հետո խոզանակով մազերը հարդարեց, ապա այն տվեց մորն ու ասաց․

«Պահիր այս խոզանակը, եթե ինձ որևէ դժբախտություն պատահի, այս խոզանակից արյուն կցայտի»։

Լեմմինկայնենը սահնակին լծեց ոսկե բաշով ձին, նստեց սահնակը, մտրակեց ձիուն և քշեց առաջ։

Գնաց մեկ օր, երկու օր, երրորդ օրը մոտեցավ Պոխյոլային։ Դյուցազնը այսպես խոսեց ինքն իր հետ։

«Իմ բազուկը զորավոր է, թուրս է

Վլ շատ կտրուկ է։ Ինձ օգնության հասե՛ք լեռների և գետերի ոգիներ․ օգնեցե՛ք անտառների հավերժահարսեր, օգնեցե՛ք ինձ՝ ինչպես հերոսին են օգնում իր բարեկամները․ օգնեցե՛ք, որ թշնամու թուրն ինձ չվնասի, նրանց չար նետերն ինձ չդիպչեն։ Եթե այս բոլորը քիչ է, ապա քեզ եմ դիմում, ո՜վ բարձրյալ Ուկկո, դու երկնքի տիրակալ․ տուր իմ բազկին և թրին ավելի զորություն, որ ես կարողանամ շատ թշնամիների ու կախարդների հաղթել»։

Վերջապես նա մտավ Պոխյոլայի մռայլ աշխարհի մի գյուղ։ Կանգնեց ներքևի փողոցի տներից մեկի առաջ և ձայն տվեց․

«Այս տան մեջ չկա՞ մեկը, որ օգնի հոգնած ճամփորդին սահնակից արձակել ձիուն»։

Պատասխանեց մի փոքրիկ տղա․

«Այստեղ այդպիսին չկա, գնա՛, հեռացիր մեր տանից»։

Լեմմինկայնենը ձին քշեց․ գնաց միջին փողոցը, մոտեցավ մի տան դռան և հարցրեց․

«Այս տանը չկա՞ մեկը, որ օգնի հոգնած ճամփորդին սահնակից արձակել ձիուն»։

Պատասխանեց վառարանի կողքը նստած մի ծեր կին․

«Ո՛նց չէ․ հենց քեզ էինք սպասում։ Ոչ թե մեկը, այլ հարյուրը կճարվի, որ քեզ նման անպիտանին այստեղից վռնդի եկածդ ճամփովը՝ նախքան արևը մայր կմտնի, նախքան գիշերը վրա կհասնի»։

«Այ թե ի՜նչ, ― ասաց ուրախ Լեմինկայնենը, ― թրիս հրաման կտայի, որ քեզ պատասխան տար, բայց չեմ ուզում ասածդ բանի տեղ դնել»։

Եվ էլի քշեց ձին և այս անգամ կանգնեց վերին փողոցի մի տան առաջ։ Էլ մարդու ձայն չտվեց, ինքն իր ձեռքով ձին արձակեց սահնակից, կապեց մի ծածկի տակ և մտավ բակը, բայց այնպես զգույշ ու կամաց, որ շներն էլ չիմացան նրա գալը։ Մոտեցավ լուսամուտին ու ներս նայեց։ Տեսնի, ի՜նչ տեսնի․ խրճիթը լիքն է մարդկանցով․ պատի մոտ նստել են կախարդ֊երգիչները, դռան մոտ գուշակողները, վառարանի վրա հմայողները, լուսամուտի մոտ հեքիմները։ Դրանց մեջ է նաև պառավ Լոուխին։ Եվ բոլորը երգում են կախարդական երգեր։

Ուրախ Լեմմինկայնենը այնքան գաղտագողի մտավ խրճիթը, որ ոչ ոք չիմացավ, թե ոնց բացվեց դուռը։ Ներս մտավ ու ասաց․

«Ամենալավ երգն էլ վերջ ունի․ իմաստուն բառեր ասելու համար շատ խոսքեր պետք չեն»։

Շփոթվեցին կախարդներն ու հեքիմները։ Իսկ ջադու Լոուխին վեր թռավ տեղից ու ասաց․

«Ես նրա համա՞ր իմ շանը մսով կերակրեցի, թարմ արյուն խմացրի, որպեսզի նա այսօր օտար մա՞րդ ներս թողնի։ Դու ի՞նչ հերոս ես, որ իմ շունը քո գալը չիմացավ, քեզ վրա չհարձակվեց»։

Այսպես պատասխանեց ուրախ Լեմմինկայնենը․

«Այնքան էլ հեշտ բան չէ, որ շունն ինձ վրա հաչի։ Ես այնքան թույլ չեմ, որ կատաղի շներն ինձ գզգզեն։ Ես շատ իմաստուն բաներ եմ սովորել իմ ծննդյան օրից։ Ես ամեն տեսակ փորձանքի կդիմանամ։ Երբ դեռ փոքր էի, մայրս ամառվա գիշերներին երեք անգամ էր լողացնում ինձ, իսկ աշնան գիշերներին՝ իննը անգամ։ Պապիցս իմաստություն ժառանգեցի, հորիցս երգեր սովորեցի, որպեսզի ուր էլ գնամ՝ երգերով ինձ պաշտպանեմ, որպեսզի տանը զորեղ լինեմ, իսկ օտարության մեջ կարողանամ հմայություններ անել»։

Եվ ուրախ Լեմմինկայնենը սկսեց երգել, երգեց հզոր, կախարդական երգեր։

Բոցեր ցայտեցին երկաթե զգեստներից, կայծեր ցայտեցին աչքերից։ Լսեցին նրա երգերը Պոխյոլացիք և ոչ ոք էլ չկարողացավ որևէ խոսք ասել․ Լեմմինկայնենը նրանց՝ Պոխյոլայի այդ չար մարդկանց քշեց այս ու այն կողմ․ որին վռնդեց դեպի խորշակից ծեծված դաշտերը, որին դեպի այն լճերը, ուր ձկներ չկային, որին էլ քար դարձրեց ու նետեց սարսափելի ջրվեժների հոսանքի տակ։

Նա կախարդեց և՛ հարուստներին, և՛ մեծերին ու փոքրերին․ միայն մի անպիտան փռնչոտ, զառամած հովվի նա ձեռք չտվեց։

Այդ չար ծերունին հարցրեց․

«Ով դու ուրախ Լեմմինկայնեն, բոլորին՝ մեծին թե փոքրին կախարդեցիր, այս ու այն կողմ ցրեցիր․ հապա ինչո՞ւ ինձ խնայեցիր»։

Այսպես պատասխանեց Լեմմինկայնենը․

«Քեզ խնայեցի, որովհետև դու մարդկանց մեջ ամենագարշելին ես․ երբ դու դեռ երիտասարդ էիր՝ ամենաչար հովիվն էիր։ Դաշտ եկող երեխաներին, լինեին տղա, թե աղջիկ, դու նրանց մոտենում էիր պիղծ մտքով ու պիղծ ձեռքերով։ Անասուններն իսկ քո ձեռքին տանջվում էին։ Դու ինքդ արդեն քո չարությամբ պատժված ես․ եղկելի ես ու զառամյալ․ մարդ իսկի քո երեսին էլ չի ուզում նայել․ դրանից էլ լավ պատի՞ժ»։

Շատ նեղացավ չար ծերունին։ Դուրս ելավ տանից, գնաց դաշտը և թաքնվեց Տոունելի գետի եզրին, պղտոր ջրերի մոտ, որ երբ Լեմմինկայնենը Պոխյոլաից տուն վերադառնա, նրանից վրեժը լուծի։

Ռունա ԺԳ

Լեմմինկայնենը խնդրում է Պոխյոլայի տիրուհու աղջկա ձեռքը

Եվ ահա՛ ուրախ Լեմմինկայնենը դիմեց Պոխյոլայի տիրուհուն․

«Ես եկա, որ դու քո ամենագեղեցիկ աղջկան ինձ կնության տաս»։

Լոուխին այսպես պատասխանեց․

«Ես քեզ աղջիկ չեմ տա, ոչ գեղեցիկը, ոչ էլ եթե տգեղն ունենայի․ դու արդեն վաղուց կին ունես»։

Լեմմինկայնենը պատասխանեց․

«Կյուլլիկկիին ես տանից վռնդեցի․ նա գնում էր ուրիշների տունը՝ երգում ու պարում։ Այստեղից ուզում եմ ավելի լավ հարսնացու տանել։ Տուր ինձ քո սիրունիկ, գեղեցիկ գանգուրներով աղջկան։»։

Լոուխին պատասխանեց․

«Երբեք իմ աղջիկը հասարակ մարդու չեմ տա։ Եթե ուզում ես իմ սիրելի աղջկա հետ ամուսնաալ, ապա կարո՞ղ ես ինձ համար բռնել այն արագավազ մեծ եղջերուն, որն ապրում է Հիյսիի անտառում»։

Լեմմինկայնենը առանց երկար մտածելու ասաց, որ այո՛, անպայման կբռնի մեծ եղջերուն․ դրա համար ամեն ինչ ունի՝ սուր, նետ, լարված աղեղ էլ ունի, միայն դահուկ չունի։

Լեմմինկայնենը գնաց դահուկ սարքող վարպետի՝ Լոուլիկկիի մոտ և խնդրեց․

«Ով դու լապլանդացի վարպետ, սարքիր ինձ համար ամենալավ դահուկները, ես գնում եմ հեռվում փռված Հիյսիի անտառը որ բռնեմ մեծ եղջերուն»։

Վարպետը գլուխն օրորեց․

«Մի գնա, ուրախ Լեմմինկայնեն, մի գնա Հիյսիի անտառը, իզուր տեղը մի ընկնի եղջերուի ետևից․ նրան չես կարողանա բռնել, շատ֊շատ փթած քոթուկ կընկնի ձեռքդ»։

Կտրիճ տղան ասաց․

«Դու միայն ինձ համար ամուր դահուկներ սարքիր, որի տակը շատ ողորկ լինի և ես կբռնեմ Մեծ եղջերուն»։

Եվ վարպետն սկսեց աշխատել․ գիշերն աշխատեց՝ աջ կողմի դահուկը պատրաստեց, ցերեկն էլ ձախ կողմինը․ փայտերը լավ հղկեց, օղակներն էլ տեղը֊տեղին։ Իհարկե իր աշխատանքի արժեքն էլ լավ գնահատեց․ ամեն մեկ դահուկի համար ջրասամբույրի մորթի ուզեց, ամեն մեկ օղակի համար էլ աղվեսի մորթի։

Լյուոլիկկին դահուկները յուղեց և ասաց․

«Կա՞ աշխարհում այնպիսի հերոս, որ արժանի լինի այս հրաշալի դահուկներով որսի գնալ»։

«Ես այդ հերոսն եմ», ― ասաց Լեմմինկայնենը և ոտքերին հարմարեցնելով դահուկները ելավ դաշտ ու դուրան․ սահելով ճերմակ ձյունի վրայով, երգեց․

«Ամբողջ աշխարհում, այս երկնքի տակ, անտառի խորքում չի լինի ոչ մի չորքոտանի, որին չկարողանա հասնել ու բռնել փառապանծ Կալեվալայի որդին, երիտասարդ Լեմմինկայնենը»։

Չար Հիյսին լսեց հերոսի երգը և ծիծաղեց․

«Ինչքան կուզե, թող արագ սահի Կալեվալայի որդին, ցրտից կսառչի, բայց ձեռքը բան չի ընկնի»։

Եվ բաց թողեց արագավազ Մեծ եղջերուին։

Եղջերուն սրընթաց անցնում էր Պոխյոլայի դաշտերով ու անտառներով։ Լեմմինկայնենը սուրաց նրա ետևից, դահուկներից կայծեր էին ցայտում, ձողերից գոլորշի էր բարձրանում։

Եվ հանկարծ Լեմմինկայնենը լսեց, որ Պոխյոլայի հեռավոր մի գյուղից լսվում են շների վնգստոց, երեխաների ճիչ, պառավների լաց ու կոծ։

Հերոսը թափն ուժեղացրեց․ քշեց հասավ այդ գյուղը, հարցրեց․

«Ի՞նչ փորձանք է եկել ձեր գլխին, որ այդպես վնգստում են շները, ճչում են երեխաները, պառավներն էլ այդպես դառն ողբում են»։

Գյուղացիք պատասխանեցին․

«Նրա համար են շները վնգստում, երեխաները ճչում, մեծերը ողբում, որովհետև այստեղով անցավ Հիյսիի արագավազ եղջերուն։ Իսկ որտեղից անցնում է այդ Մեծ եղջերուն այնտեղ մի փորձանք է գալիս մարդկանց գլխին։ Այդ եղջերուն շուռ տվեց մեր ջրերով լիքը տակառները, կրակի մեջ թափեց մեր կերակուրները․ մնացինք ծարավ ու քաղցած»։

Ուրախ Լեմմինկայնենը ասաց․

«Դարդ միք անի, շուտով ես այդ եղջերուին կբռնեմ և ձեզ բոլորիդ համար ուտելիք կլինի․ միայն թե լավ մաքրեցեք պուտուկները, երեխաները թող տաշեղներ հավաքեն, պառավներն էլ թող օջախները թեժացնեն»։

Լեմմինկայնեն ավելի ուժով հենվեց դահուկների ու ձողերի վրա ու քշեց եղջերուի հետևից։

Դեռ մեկ քայլ չէր արել, որ գյուղացիների աչքից կորավ, երկրորդ քայլին արդեն ձայնը չէր լսվում, երրորդ քայլին արդեն հասավ Մեծ եղջերուին և թափով թռավ նրա մեջքին։

Հետո արդեն Լեմմինկայնենը Մեծ եղջերուին կապկպեց կաղնու ճյուղերից հյուսած պարանով, պարանն էլ կապեց թխկենու ցցից։

Հիյսիի Մեծ եղջերուն փրփրեց֊կատաղեց, կաղնու ճյուղերից հյուսած պարանը կտրեց, թխկենու ամուր ցիցը ջարդեց և մի ոստյունով թռավ՝ սուրաց առաջ։

Շատ զայրացավ Լեմմինկայնենը, փորձեց հասնել որսի ետևից, բայց դեռ մեկ քայլ չէր արել, որ դահուկների կաշեփոկերը կտրվեցին, ձողերը ջարդվեցին։ Տղան նայեց, տեսավ եղջերուն արդեն անցավ անտառի թավուտները, հասավ դաշտերը և այնպես արագ էր սլանում, որ ականթոթափ արդեն կորավ հերոսի աչքի առջևից։

Գլուխը կախեց հերոսը և այսպես խոսեց․

«Թող ոչ ոք իր կյանքում չփորձի Հիյսիի անտառում Մեծ եղջերուին բռնել, ինչպես ես անբախտս փորձեցի։ Դահուկներս ջարդեցի, ձողերս կոտրեցի, բայց նպատակիս չհասա»։

Ռունա ԺԴ

Լեմմինկայնենը որսում է Մեծ եղջերուին․ հետո բռնում է Հիյսիի հրեղեն ձիուն․ Տոունելլիի ջրերում բաց որսալիս փորձանքի է հանդիպում

Շատ մտածեց ուրախ Լեմմինկայնենը և ասաց․ «Ամոթ է, որ դատարկ ձեռքով ներկայանամ Լոուխիին։ Չէ՛, չե՛մ հուսահատվի․ մեկ էլ կփորձեմ բախտս»․ և քայլելով անտառի թավուտներում, հերոսն այսպիսի խնդիրք արավ․

«Ո՛վ դու երկնավոր հայր Ուկկո, լսիր իմ խնդիրը։ Տուր ինձ ավելի լավ դահուկներ․ օգնիր, որ նրանք ավելի արագ սլանան և ինձ հասցնեն Պոխյոլայի դաշտերը, տանեն Հիյսիի անտառը»։

Եվ քայլում ու քայլում էր հերոսը և էլի խնդիրք անում․

«Ահա՛, ես մտնում եմ Հիյսիի անտառի խորքերը, արդեն երևում են Մեծ եղջերուի հետքերը, ողջո՜ւյն ձեզ, բլուրներ և լեռներ, չքնաղ եղևնիներ և սոսիների պուրակներ։ Ով դու անտառի տիրակալ ալեհեր Տապիոլի, օգնիր, որ անցնեմ ճահիճների միջով, որ բռնեմ իմ որսը։

Ով դու անտառի տիրակալի որդի Նյուրիկկի, որ ծիրանի գլխարկ ունես գլխիդ, արահետների վրա նշաններ դիր, ցույց տուր սարերի վրայով անցնող ճանապարհները, որ ես որսորդս՝ անսխալ առաջ գնամ, և այսպես տանջանքով փնտրած որսիս տիրանամ։

Ով դու անտառի բարի տիրուհի՝ Միմերկկի, դու որ կապտավուն զգեստներ ես հագնում, դու որ բարի գործեր ես անում, ոսկով ու արծաթով զարդարիր ծառերի տերևները, ճահիճների ու արահետների վրայով սավաններ փռիր, որ ես՝ որսորդս, հեշտությամբ անցնեմ ու հասնեմ փախչող Մեծ եղջերուին։

Ով դու անտառի դուստր Տուուլիկկի, ընտրիր մի դալար ճիպոտ, խփիր Մեծ եղջերուի կողերին, աակնջներից ու եղջյուրներից բռնիր ու քշիր դեպի արահետը։ Թե ճամփադ փակեն ջարդված, գետին ընկած քո ծառերը՝ դրանք մի կողմ շպրտիր, թե ցանկապատներ հանդիպեն՝ շուռ տուր, գետնին հավասարեցրու․ թե գետերն արգելեն ճանապարհդ՝ կարմիր մետաքսի ամուր գլխաշորերից կամուրջներ սարքիր և որսը քշիր իմ կողմը։ Դե՛, շո՛ւտ, Մեծ եղջերուն իմ կողմը քշեք, թե չէ ձանձրալի է երկար գիշերները թափառել անտառում և նպատակին չհասնել»։

Անտառի տիրակալները լսեցին Լեմմինկայնենի խնդիրը։

Ճերմակամորուս Տապիոլին, փափուկ մուշտակն ուսերին, որդին՝ Նյուրիկկին, ծիրանի գլխարկը գլխին, տիրուհի Միմերկկոն՝ կապտավուն զգեստով, և անտառի չքնաղ դուստր Տուուլիկկին ― բոլորը ելան իրենց կացարաններից, որ օգնեն որսորդին։

Նրանք անտառի խորքից Մեծ եղջերուին ուղղակի քշեցին Լեմմինկայնենի կողմը։ Թե կանգ է առնում որսը, նրան հարվածում են կեչու ճյուղերից հյուսած ճիպոտով, թե ուզում է թաքնվել ծառերի ետևում՝ նրա եղջույրներից բռնած քշում են դեպի արահետը։ Գետնին ընկած ծառերը Տապիոլին վերցնում և տաշեղի նման մի կողմ է շպրտում։ Թե ցանկապատի են հանդիպում՝ Միմմերկին շուռ է տալիս։ Արագահոս գետը թե փակում է ճամփան ― Տուուլիկկին մեկ ափից մյուսն իսկույն կամուրջ է կապում։ Այսպիսով Մեծ եղջերուի բոլոր ճամփաները փակեցին, թողին մեկը և այդ ճամփով քշեցին նրան։ Լեմմինկայնենը կանգնած էր այդ միակ ճամփի վրա և երբ եղջերուն մոտեցավ, նա ամուր պարանի օղակը գցեց նրա վիզը, բռնեց ու բերեց Լոուխիի մոտ, ասաց․

«Տիրուհի, ես իմ խոսքը կատարեցի, ահա՛ քեզ Մեծ եղջերուն՝ այժմ քո գեղեցիկ աղջկանը կտա՞ս ինձ կնության»։

Ջադու պառավն ասաց․

«Ո՛չ, դեռ արժանի չես, որ աղջիկս քեզ կնության տամ։ Ա՛յ, եթե բռնես այն երկարաբաշ ձիուն, որն արածում է Հիյսիի դաշտերում, այն ժամանակ գարնան ծաղկի նման իմ սիրունիկ աղջիկը քեզ հետ կամուսնացնեմ»։

Վերցրեց Լեմմինկայնենը ոսկե սանձը և գնաց փնտրելու երկարաբաշ ձիուն։ Փնտրեց մեկ օր, երկու օր և վերջապես երրորդ օրը մի բլուրի վրա տեսավ հրաշք ձիուն։ Բաշի մազերից կրակ էր ցայտում և երբ սմբակներով դոփում է՝ ժայռերն են ճաքճքում։ Անհնար է մոտենալ։ Այն ժամանակ կտրիճն այսպիսի խնդիրք արեց․

«Ով դու ամենակարող Ուկկո Աստված, քեզ հնազանդվում են որոտը, կայծակն ու ամպերը, առաքիր երկնքից երկաթե կարկուտ, որ նա ծեծի այս ձիու կողերը, հարվածի գլխին, որ նա հնազանդ դառնա»։

Ուկկոն լսեց դյուցազնի խնդիրը։ Երկաթե կարկուտ թափեց ձիու բաշին, մեջքին ու կողերին և ձին հանդարտվեց։

Լեմմինկայնենը մոտեցավ ձիուն, ասաց․

«Բարի ձի, ոսկեբաշ գլուխդ վար թեքիր, ես քեզ վատություն չեմ անի, քեզ չեմ նեղացնի․ քեզ կհագցնեմ ոսկե երասանակ ու կտանեմ Պոխյոլայի տիրուհու մոտ»։

Ձին հնազանդվեց։ Կտրիճը թռավ նրա մեջքին․ գիշեր֊ցերեկ վազեց ձին և դյուզացնին հասցրեց Պոխյոլայի տիրուհու շեմքը․ կտրիճն ասաց․

«Ո՛վ տիրուհի, ահա՛ և երկարաբաշ ձին։ Հիյսիի հեռավոր դաշտերում սանձեցի նրան։ Վերցրու այն քեզ։ Հիմա պետք է արդեն, որ քո աղջկանը ինձ կնության տաս»։

Այն խորամանկ ու չար Լոուխին նորից խոսեց և ասաց․

«Դեռ արժանի չես, որ իմ աղջիկը քեզ կնության տամ։ Ա՜յ, եթե Տուոնելիի սև ջրերում լողացող բադին նետի մեկ հարվածով սպանես, այն ժամանակ նոր կխոսենք»։

Լեմմինկայնենը էլի դեմ չկանգնեց․ ուզեց գտնել վայրի բադին ու որսալ։ Նետ֊աղեղը ուսը գցեց և ճամփա ընկավ։

Եվ ահա՛ այն պիղծ ու չար ծերունի հովիվը, որ պահ էր մտել Տուոնելի գետի սև ջրերի ափին, տեսավ մոտեցող Լեմմինկայնենին։ Իսկույն գետի պղտոր ջրերից դուրս քաշեց մի սև օձ և ինչպես նետ շպրտեց երիտասարդի վրա։ Օձը տղայի ձախ անթատակից մտավ և թոքերը ծակելով՝ աջ թիակի կողմից դուրս եկավ։

Սուր ցավից ուրախ Լեմմինկայնենի դեմքը մթագնեց․ նա հիշեց իր սիրելի մորը և աղերսեց․

«Իմ հարազատ մայր, դու որ ինձ աշխարհ բերիր, դու որ ինձ մեծացրիր և դաստիարակեցիր, դու կարող ես իմանալ, թե որտեղ է այժմ քո դժբախտ որդին։ Շուտով օգնության հասիր, որպեսզի ինձ ազատես այս ծանր փորձանքից, որ փրկես ինձ մահից»։

Իսկ այն դաժան զառամյալ հովիվը իր սուր թրով Կալեվալայի որդուն ութը մասի բաժանեց և նետեց այն պղտոր ջրերի հորձանքի մեջ։ Նետեց ու ասաց․

«Դե, հիմա առհավետ մնա այդ պղտոր ջրերում, թե կարող ես, Մանալի թագավորության այդ հավերժական խավար անդունդում բադեր որսա»։

Եվ այսպես, Տուոնելիի սև ջրերի անդունդը՝ մեռյալների աշխարհն ընկղմվեց այն ուրախ փեսացուն։

Ռունա ԺԵ

Մայրն օգնության է հասնում աղետված որդուն՝ Լեմմինկայնենին

Իսկ հերոսի մայրը նստած իր տանը խորը մտածմունքի մեջ է։

«Ի՞նչ եղավ իմ Կաուկոն, իմ սիրելի Լեմմինկայնենը․ չեմ լսում նրա ոտնաձայնը, որ գա ու իր հորական տան դուռը բացի։ Արդյոք ո՞ր սարում, ո՞ր դաշտումն է նա․ գուցե արյունահեղ կռվի մեջ է իմ տղան․ գուցե մաքառում է ծովի ալիքների դեմ»։

Տխուր է նաև այն չքնաղ հարսը՝ Կյուլլիկին․ քայլում է տան չորս բոլորը, նայում է ամուսնուն տանող ճամփային, բայց չկա ու չկա քաջ Կաուկոմեյլին։ Հարսը նայում է խոզանակին, նայում է գիշերը, նայում է ցերեկը և մի առավոտ էլ, երբ դառն մտքերով զարթնեց ու նայեց խոզանակին, տեսնի, ի՜նչ տեսնի՝ կարմիր արյուն է ցայտում խոզանակից։ Վազեց, կանչեց հերոսի մորն ու ասաց․

«Ւմ ամուսինն անհետ կորել է հեռավոր ճամփեքում, անծանոթ արահետներում, տե՛ս, ինչպես է կարմիր արյուն ցայտում խոզանակից»։

Լեմմինկայնենի մայրը նայեց, նայեց խոզանակին, դառն լաց֊լացեց և ողբաձայն ասաց․

«Վայ ինձ, անբախտիս, ինչ անեմ, արդյոք ի՞նչ պատահեց իմ սիրելի որդուն․ հա՛, շատ դժվար վիճակի մեջ է, որ այրուն է ցայտում խոզանակից»։

Էլ չսպասեց անհանգիստ մայրը, փեշերն հավաքեց ու ճամփա ընկավ։ Նա անցավ սարերով ու ձորերով, վարար գետեր կտրեց, թավ անտառների կածաններով քայլեց ու վերջապես հասավ այն մռայլ Պոխյոլան և դիմեց ջադու Լոուխիին։

«Ով դու, Պոխյոլայի տիրուհի, ասա՛, որտե՞ղ ես ուղարկել իմ ջահել որդուն՝ Լեմմինկայնենին»։

«Չգիտեմ, թե ուր է քո որդին, ― պատասխանեց տիրուհին ― ես նրան սահնակ և ամենալավ ձին տվի․ գուցե ծովի սառույցների մեջ սառեց մնաց կամ թե գայլը նրան խժռեց, կամ էլ արջին կուլ գնաց»։

Լեմմինկայնենի մայրն ասաց․

«Դու սուտ ես ասում, ով տիրուհի, ո՛չ մի գայլ չի կարող իմ ցեղի մարդկանց խժռել, ո՛չ մի արջ չի կարող մոտենալ իմ որդուն։ Իմ կտրիճ տղան մի մատով կսպանի գայլին, ձեռքի մի հարվածով կտապալի արջին։ Եթե դու ինձ ճիշտը չասես, թե որտեղ ես ուղարկել իմ տղային, ես կջարդեմ քարաժայռի դռները, որոնց ետևում թաքցրել ես հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։

Ջադուն ասաց․

«Ես չգիտեմ, թե ուր է քո տղան։ Ես նրան կուշտ ու կռինջ ուտեցրի և խմեցրի։ Նրան նավակ տվի, որ ուր ուզենա գնա։ Գուցե ընկավ ջրվեժի տակ, ջրապտույտի մեջ ու խեղդվեց քո տղան»։

Լեմմինկայնենի մայրը խիստ զայրացավ․

«Ո՛չ, ո՛չ, դու ուղղակի սուտ ես ասում․ իմ որդին ծովում խեղդվող չէ․ դու ճիշտն ասա, թե որտե՞ղ է իմ որդին, թե չէ հենց այսօր դու գրողի բաժին կդառնաս»։

Պոխյոլայի ջադուն վերջապես ասաց․

«Լա՛վ, ճշմարիտը կասեմ քեզ։ Ես նրան ուղարկեցի Մեծ եղջերուի ետևից՝ գնաց բերեց․ ուղարկեցի երկարաբաշ ձիու ետևից՝ գնաց նրան էլ բերեց․ հետո նրան ուղարկեցի, որ Տոունելիիի պղտոր ջրերում լողացող բադին որսա՝ բերի․ գնաց ու չվերադարձավ․ չեկավ, որ իմ սիրելի աղջկա ձեռքը խնդրի։ Թե ինչ է պատահել տղայիդ, չգիտեմ»։

Եվ պառավ մայրիկը նորից սար ու ձոր ընկավ, նորից կտրեց գետեր ու անտառներ, անդադրում քայլեց ու վազեց․ ոչ գիշեր, ոչ ցերեկ չհանգստացավ․ ճամփան փակող քարերը դեն շպրտեց, խիտ ծառերը գետին տապալեց, ճահիճների վրա ճիլոպներ փռեց ու անցավ․ այսպես գնաց յոթ օր ու յոթ գիշեր, ամեն տեղ փնտրեց, բայց չգտավ իր թանկագին որդուն։

Ութերորդ օրը նա ելավ մի ուղիղ ճամփա և այսպիսի հարցում արավ այդ ճամփին․

«Ով դու բարի ճամփա, չե՞ս տեսել արդյոք դու իմ որդուն, իմ այդ ոսկե խնձորիկին»։

Ճամփան այսպես պատասխանեց․

«Իմ հոգսերն այնքան շատ են․․․ մեկ ձիերն են դոփում ինձ, մեկ մարդիկ են տրորում ինձ իրենց ոտքերով, մեկ անիվներն են ակոսում կողերս․ էլ որտեղի՞ց ժամանակ, որ մտածեմ քո որդու մասին»։

Էլի մայրը յոթ օր փնտրեց որդուն ու ոչ մի տեղ չգտավ․ տեսավ երկնքում փայլող լուսնին ու հարցմունք արավ․

«Ով դու լուսին, Աստծուց ստեղծված, չե՞ս տեսել արդյոք իմ որդուն, իմ ոսկե խնձորիկին»։

Լուսինը պատասխանեց․

«Ես այնքան հոգսեր ունեմ, որ ո՞նց կարող եմ մտածել քո որդու մասին։ Ինձ ծանր բաժին է ընկել՝ մենակ թափառել երկնքում և լույս սփռել երկրի վրա»։

Կրկին խեղճ մայրը յոթ օր փնտրեց որդուն, բայց չգտավ։ Այս անգամ հարցմունք արավ արեգակին․

«Ով դու արեգակ, Աստծուց ստեղծված, չե՞ս տեսել արդյոք իմ որդուն, իմ այդ ոսկե խնձորիկին»։

Արեգակը պատասխանեց․

«Քո դժբախտ որդին արդեն զոհ գնաց, խեղդվեց Տուոնելիի պղտոր ջրերում, Մանալի անդունդներում»։

Շատ դառն լաց եղավ պառավ մայրիկը։ Բայց չընկճվեց, անմիջապես գնաց գտավ դարբին Իլմարինեին ու աղերսեց․

«Ով դու վարպետ, խնդրում եմ ինձ համար կոփիր մի այնպիսի փոցխ, որ կոթը պողպատից լինի, ատամները երկաթից։ Եվ թող ատամների երկարությունը հարյուր սաժեն լինի, իսկ կոթինը հինգ անգամ ավելի երկար»։

Այն ճարտար դարբինը կոփեց փոցխը մոր ուզածի նման։ Մայրը վերցրեց այն ու շտապեց դեպի Տուոնելիի պղտոր ջրերը։ Եվ ասյպիսի խնդիրք արավ արեգակին․

«Ո՛վ բարի արեգակ, այս աշխարհի վրա դու բոլորին հավասարապես լույս ես տալիս։ Այսօր լուսավորիր ավելի ուժեղ, ապա այնպես տաք լուսավորիր, որ գոլորշի բարձրանա, իսկ հետո այնպես ջեռ, որ շոգից Տուոնելիի ստորերկրյա ջրերում թաքնված Մանալիի թագավորության չար բնակիչները թուլանան և խորը քնի մեջ ընկնեն»։

Աստծու ստեղծած այն բարի արեգակը իջավ երկնքից․ նստեց կեչու բարձր կատարին, ուժեղ լուսավորեց, ապա ավելի տաք, հետո ավելի ջեռ․ գետից թանձր շոգի բարձրացավ և Մանալիի ստորերկրյա բնակիչները, մեծ թե փոոքր, իրենց զենքն ու զրահը ձեռքներին, խորը քնի մեջ ընկան։

Եվ արեգակը նրանց քնացնելով, էլի բարձրացավ երկինք ու սկսեց իր պտույտը։

Իսկ Լեմմինկայնենի մայրը իր երկար փոցխով սկսեց գետի խորերը փոցխել․ ոչինչ չգտավ․ վերջը ինքը ջուրը մտավ, գնաց ջրի հոսանքի հետ, ապա հոսանքին հակառակ և հանկարծ մի ծանր բան դիպավ փոցխին․ դուրս քաշեց․ տղայի երկաթե զգեստն էր, հետո գտավ գուլպաները, ապա գլխարկը։

Շատ տխրեց մայրը և էլի սկսեց փոցխով ջրի մեջ փնտրել որդուն։

Եվ ահա, վերջապես, գտավ իր որդու մարմնի մի քանի կտորները։ Բայց դեռ գլուխն ու կողոսկրերը չկային։ Եվ նա լալով ասաց․

«Արդյոք այս կտորներից կվերածնվի՞ իմ հերոս որդին»։

Ագռավը լսեց մոր ողբն ու ասաց․

«Ով մեռավ նա այլևս չի կենդանանա․ չէ որ քո տղայի աչքերը սիգն է կերել․ գայլաձկները մսերն են կերել․ գցիր այդ կտորտանքը ջուրը, թող ծովի խորքերում ձուկ դառնա»։

Մայրը նորից գետը մտավ, նորից գործի դրեց փոցխը և վերջապես գտավ նաև որդու գլուխը, կողոսկրները և մյուս մասերը։

Գտավ և սկսեց մասերն իրար բերել․ ոսկորը ոսկորին հագցրեց․ ջղերը ջղերին կապեց, երակները տեղը դրեց, որ նրանցում կենարար արյուն հոսի։ Բայց տղան անշարժ էր․ մայրը սկսեց ողբալ և այսպիսի խնդիրք արավ․

«Ով դու Սոունետար աստվածուհի, դու որ այնպես լավ միահյուսում ես ջղերը, ուժ ու կորով ես տալիս մարդուն, օգնի՛ր, որ տղայիս մաշկը նորից պատի նրա մարմինը, օգնիր, որ ջղերն իրար միանան, երակներում արյուն հոսի․ օգնի՛ր, որ բզկտված մարմնի բոլոր մասերն իրար գան և իմ որդին վերակենդանանա»։

Մայրը նորից գործի անցավ, նորից որդու ոսկորներն ու ջղերն իրենց տեղերին հարմարեցրեց և ահա՛ վերջապես տղան ստացավ այն կերպարանքը ինչ֊որ առաջ․ բայց դեռ էլի շունչ չկար բերանումը։ Հանկարծ տեսավ, որ մեղու է թռչում մոտիկից․ մայրը դիմեց նրան․

«Ով անտառի ծաղիկների տիրուհի, դու ամենահոտավետ ծաղիկներից մեղր պատրաստիր, որ իմ տղայի ցավերը մեղմացնի, նրա վերքերը բուժի»։

Արագաթռիչ մեղուն հասավ կանաչ անտառը, ամենահոտավետ ծաղիկների հյութը վերցրեց և բզզալով ետ եկավ՝ թևերին ու կնճիթին բեռնած քաղցր մեղր ու մեղրամոմ։

Մայրը մեղրն ու մեղրամոմը տղայի վերքերին քսեց, բայց թանկագին որդին էլի անշարժ պառկած է․ ոչ մի բառ չի կարող արտասանել։

Մայրը նորից խնդրեց մեղուին․

«Ով դու սիրունիկ մեղու, թռի՛ր, գնա հեռու աշխարհները, անցիր ծովերով ու ցամաքներով, հասիր Պալվոյնենի տունը, այնտեղ կա հրաշագործ մեղր․ դրանից այնպիսի բուժիչ բալասան են սարքում, որ կտրված ջղին դրիր թե չէ՝ ջղերը միանում են․ ամենածանր վերքերն իսկույն բուժվում են, բեր ինձ այդ դեղից, որ տղայիս բուժեմ, նրա մարմնին հոգի և շունչ տամ»։

Մեղուն նորից թռավ գնաց։ Թռավ մեկ օր, երկու օր, երեք օր․ ոչ մի եղեգնի վրա չհանգստացավ, ոչ մի տերևի վրա չնստեց․ վերջապես հասավ այն աշխարհը, ուր ամենալավ մեղր կար և իր թևերի, մեջքի և կնճիթի վրա բարձեց, բերեց Լեմմինկայնենի մոր ուզած դեղերը, այն էլ ոչ թե մեկ, այլ իննը տեսակ դեղ։

Մայրը հեռու աշխարհից բերած այդ հազվագյուտ իննը տեսակ մեղրն ու դեղերը քսեց որդու վերքերին, բայց էլի ոչ մի օգուտ չունեցավ։ Տղան դարձյալ անշարժ էր։

«Ով դու արագաթռիչ, սիրունիկ մեղու, արի երրորդ անգամ թռիր հասիր երկնքի բարձրունքները․ կհասնես լուսնին, կմոտենաս արեգակին, կանցնես Մեծ Արջ աստղերի մոտով և վերջապես կմոտենաս Աստծու գահին։ Այնտեղ կգտնես ամենաբուժիչ մեղր ու բալասան․ այդ դեղերով ամենակալ տերը բուժում է իր որդիներին․ ահա՛ այդ դեղից կառնես թևերիդ ու կբերես, որ իմ որդուն բուժեմ»։

Մեղուն հարցրեց․

«Բայց ես մի թույլ արարած եմ, ինչպես հասնեմ այդքան բարձրունքները»։

Լեմմինկայնենի մայրն ասաց․

«Բոլորովին մի վախենա․ լավ գործի համար միշտ ճամթա կգտնվի»։

Եվ սիրունիկ մեղուն թռվավ դեպի երկինքը։

Առաջին օրը հասավ լուսնին։

Երկրորդ օրն անցավ արևի մոտիվ։

Երրորդ օրը դիպավ յոթնաստեղյա Մեծ Արջին։

Վերջը հասավ Աստծու շտեմարանը։ Այնտեղ ամեն տեսակ դեղ ու դարման կար։ Մեղուն իր թևերին առավ ամենաբուժիչ մեղր ու մեղրամոմ և բզզալով վերադարձավ երկիր։

Լեմմինկայնենի մայրը շատ ուրախացավ․ վերցրեց երկնային դեղերը, խնամքով քսեց որդու վերքերին ու ասաց․

«Սա այն դեղն է, որ ես փնտրում էի․ սրանով է ամենակալ Աստվածը բուժում վերքերը։ Զարթի՛ր քո խոր քնից իմ սիրելի որդի, զարթի՛ր, զարթի՛ր»։

Եվ տղայի բոլոր վերքերին մայրը նորից ու նորից քսեց դեղերը։

Ու մեկ էլ տեսավ, որ տղան աչքերը բացում է։

Այն կտրիճ Լեմմինկայնենը մորը տեսավ ու ասաց․

«Ո՛ւհ, ինքան խորն եմ քնել»։

Մայրն ասաց․

«Եվ դեռ շատ կքնեիր։ Երբեք չէիր զարթնի, եթե ես քեզ չգտնեի այս սև ջրերում։ Բայց հիմա ասա, ո՞վ էր, որ քեզ գցեց պղտոր ջրերի մեջ, Մանալի մութ աշխարհն ուղարկեց»։

Տղան պատմեց գլխին եկածը, թե ինչպես չար հովիվն իրեն գետը նետեց։ Տղայի պատմությունից հետո մայրն ասաց, որ իրենք պետք է անմիջապես տուն վերադառնան։

Լեմմինկայնենը ասաց․

«Ես ո՞նց կարող եմ տուն վերադառնալ․ այնտեղ ինձ սպասում է Լոուխիի գեղեցիկ աղջիկը, ես պետք է վայրի բադը բռնեմ֊տանեմ, որ աղջկա հետ ամուսնանամ»։

Մայրն ասաց․

«Այդ աղջիկը քո գլխին շատ փորձանք բերեց և էլի կբերի։ Թող բադն ազատ լողա Տուոնելիի ջրերում, մենք վերադառնանք մեր հայրենի աշխարհը։ Արի գնանք քո հորական տունը, քո հարազատ մոր գիրկը։ Ավելի լավ է դու գոհություն հայտնես բարձրյալին, որ քեզ օգնության հասավ, հանեց Մանալի մռայլ աշխարհից, Տուոնելիի սև ջրերի անդունդից և նորից կյանք պարգևեց․ առանց Աստծու օգնության ես ոչինչ չէի կարող անել, առանց նրա երկնահաս տնօրինության քեզ չէի կարող փրկել»։

Տղան հնազանդեց․

«Իմ սիրելի մայրիկ, դու երկու անգամ ինձ ծնեցիր։ Թող քո խոսքը լինի, այո՛, պարտքս է քո վիշտը ամոքել․ գնանք այս դառն երկրից, ուր հերոսներին սպանում են և ծովը նետում, վերադառնանք մեր հարազատ օջախը»։

Այսպես ահա՛, կտրիճ Լեմմինկայնենը, նորից հորական տունը վերադարձավ։

Իսկ մենք դառնանք տեսնենք, թե ինչ են անում մեր մյուս դյուցազները։

Ռունա ԺԶ

Վեյնեմեյնեն ուզում է իր համար նավակ սարքել, բայց դժվարությունների է հանդիպում

Շատ տխուր էին անցնում Վեյնեմեյնենի օրերը։

Դատարկ տանը չկար մեկը, որ օգներ նրան, չկար տանտիրուհի, որ ծերության օրերին նեցուկ լիներ ալևորին։

Շատ ծանր ու թեթև արեց Վեյնեմեյնենը և որոշեց մեկ էլ փորձել բախտը, գնալ Պոխյոլա և Լոուխիի գեղեցկուհի աղջկան տիրանալ։

Նրան պետք էր ամուր տախտակներից սարքված դիմացկուն նավ, որ ծովի ալիքների հարվածներին ու բոլոր փորձություններին դիմանար։

Կրկին նրան օգնության հասավ դաշտերի ու մարգագետինների ճարպիկ զավակը՝ Սամպսա Պելլերվոյնենը։ Վեյնեմեյնենը նրան պատվիրեց․

«Գնա՛ անտառը, գտիր ամենդիմացկուն ծառը, կտրիր բեր, որ նավ սարքեմ»։

Սամպսան վերցրեց պղնձե կոթով ոսկյա կացինը և ճամփա ընկավ։ Հասավ անտառ, մոտեցավ Սոսի ծառին, երեք սաժեն էր նրա բարձրությունը․ կացինը բարձրացրեց, որ կտրի, բայց Սոսին ասաց․

Սոսին ասաց․

«Դու ի՞նչ ես ուզում ինձանից»։

«Ես փնտրում եմ ծառ, որ կտրեմ ու նրանից տախտակներ քաշեմ, նավ սարքեմ»։

Սոսին դողդողաց ու ասաց․

«Չէ՛, ինձնից նավ դուրս չի գա, ուժ չի մնացել մեջս, որդը կրծել է սիրտս, արմատներս էլ թուլացել են»։

Պելլերվոյնենը գնաց առաջ, մոտեցավ նոճի ծառին, վեց սաժեն էր նրա բարձրությունը․ հարցրրեց․

«Ասա՛ ինձ նոճի, դու Վեյնեմեյնենի համար դիմացկուն նավ կդառնա՞ս։ Ջրերի վրայով սահուն կընդանա՞ս, կհնազանդվե՞ս թիերին ու ղեկին»։

Նոճին բարձր ձայնով պատասխանեց․

«Ինձանից նավ չի ստացվի․ շատ եմ ծերացել։ Իմ սաղարթներին հիմա ագռավներն են բույն դրել և ձագեր են հանում»։

Երբ այս լսեց Պելլերվոյնեն, մենակ շրջեց թավ անտառը և հանդարտորեն քայլելով գնաց հասավ մինչև հարավ։ Կանգնեց ինը սաժեն բարձրություն ունեցող կաղնու դիմաց։ Պելլերվոյնեն հարցում արավ։

Ծառերի մայր, գուցե պետք գաս, որ ռազմի համար քո փայտերից ամրակուռ նավ կառուցենք»։

Կաղնին հանդարտ ու խոհուն այսպես պատասխանեց նրան․

«Իմ սիրելի, ամրակուռ նավ կառուցելու համար շատ փայտ ունեմ․ անթերի եմ ու բարձրահասակ․ միջուկս էլ շատ ամուր է։ Հենց այս ամառ շոգ պահերին վառ արևն իմ մեջ մտավ, լուսինը շողաց իմ կատարին, ճյուղերիս նստեց ու երգեց կկուն, հետո եկան հազար հավքեր ու հազար տեսակ թռչուն և անուշ֊անուշ գեղգեղացին»։

Պելլերվոյնենը կացինն ուսից ցած բերեց, կտրեց կաղնին, ապա հաստ բնից շատ տախտակներ սարքեց և երբ ամեն ինչ պատրաստ էր, կանչեց Վեյնեմեյնենին։

Իմաստուն ծերունին երգերով և կախարդանքներով սկսեց կառուցել նավը։

Մեկ երգ երգեց՝ արդեն պատրաստ էր ամուր հատակը։

Նորից երգեց և արդեն նավի կողերը բարձրացան։

Երրորդ երգը երգեց և պղնձյա թիակալներն իրենց տեղում ամրացան։

Ամեն ինչ պատրաստ էր, բայց պետք էր նաև երեք խոսք։

Մեկը՝ որպեսզի ամրացվեր ղեկը։

Մյուսը՝ որպեսզի քառակող ողնոցը սարքվեր։

Երրորդ խոսքը՝ որպեսզի նավեզրերը հղկվեին։

Շատ մածեց իմաստուն Վեյնեմեյնենը․ «Գուցե ծիծառնակնե՞րը գիտեն այդ խոսքերը, գուցե կարապնե՞րը, կամ թերևս բադե՞րը»։

Նա որսաց կարապների մի ամբողջ երամ, սպանեց շատ բադեր, հարյուր և հազար ծիծեռնակներ բռնեց, բայց նույնիսկ կես խոսք էլ չիմացավ֊չգտավ»։

«Գուցե եղնիկի գլխո՞ւմ կա այդ խոսքը, գուցե սկյուռի լեզվի ծայրի՞ն է հմայիչ խոսքը»։

Եղնիկների մի ամբողջ հոտ որսաց, բազմաթիվ սկյուռներ խփեց֊շատ նոր խոսքեր լսեց, բայց չգտավ այն խոսքերը, որ օգներ իրեն։

Երկրի վրա ապրողները չգիտեին այդ խոսքերը։

Վեյնեմեյնենը որոշեց գնալ Մանալի ստորերկրյա աշխարհը, Տուոնելիի մեռյալների կացարանը֊գուցե այնտեղ գտնի երեք նվիրական խոսքերը։

Եվ ճամփա ընկավ իմաստուն ծերունին։ Յոթ օր անցավ մացառների միջով, էլի յոթ օր քայլեց փշատերև գիհի ծառերի միջով և դարձյալ յոթ օր քայլեց թավուտ անտառի ոլորապտույտ արահետներով, մինչև հասավ Մանալի ափերը։

Վեյնեմեյնենը տեսավ, որ գետի պղտոր ջրի մեջ երևում է մի աղջիկ և սպիտակեղեն է ցայում ջրում։

Վեյնեմեյնենը խնդրեց աղջկան․

«Մանալի դուստր, Տուոնելիի զավակ, տուր ինձ մի նավակ, որպեսզի կարողանամ այս գետով անցնել հասնել քո բնակած կղզին»։

Իսկ Մանալի դուրստրն ասաց․

«Դեռ ասա, ինչո՞ւ դու ողջ և առողջ եկել ես այստեղ․ ոչ հիվանդություն ես քաշել, ոչ էլ ահեղ մահն է քեզ փախցրել այստեղ հասցրել»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Ինձ այստեղ է բերել Տուոնին, ինձ իր մոտ է կանչել Մանալի տերը։

Աղտջիկն այսպես խոսեց․

«Տեսնում եմ, որ դու ճիշտ չէս ասում, եթե Տուոնին քեզ կանչեր, դու գլխիդ գլխարկ և ձեռքիդ ձեռնոցներ կունենայիր, ինչպես բոլոր նրանք, ում ուղարկում են մեռյալների աշխարհը»։ Հապա խոստովանիր ինչո՞ւ ես եկել այստեղ»։

Ծերուկը պատասխանեց․

«Եթե ճիշտն ուզում ես իմանալ, ապա ասեմ՝ ինձ այստեղ բերեց երկաթը, դեպի այս կողմը հրեց պողպատն իր սուր ծայրով»։

Աղջիկն ասաց․

«Նորից երևում է, որ դու սուտ ես ասում․ եթե քեզ այստեղ բերեր երկաթը, եթե քեզ այս կողմն հրեր պաղպատն իր սուր ծայրով, քո զգեստներն արյունոտված կլինեին, քո վերքերից կարմիր արյուն պիտի հոսեր։ Ճիշտն ասա, Վեյնեմեյնեն, ինչո՞ւ ես եկել այստեղ»։

Այսպես պատասխանեց ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը․

«Ես քեզ կասեմ ճշմարտությունը, ինձ Մանալի ափերը հասցրին ալիքները»։

Տոունելիի աղջիկն ասաց․

«Այդ էլ ճիշտ չէ, եթե քեզ ալիքները բերեին, ապա քո շորերը թաց կլինեին։ Ավելի լավ է չխաբես և ճիշտն ասես՝ ինչո՞ւ ես եկել այստեղ»։

Ծերունին պատասխանեց․

«Լավ, չեմ խաբի, ինձ այստեղ բերեց կրակը, նրա հետ հասա Մանալի»։

Մանալիի այդ փոքր աղջիկն ասաց․

«Չէ, նորից սուտ ես խոսում, եթե քեզ կրակն այստեղ բերած լիներ, քո մազն ու մորուքն այրված կլինեին։ Ո՛վ դու ծերուկ, իմաստուն Վեյնեմեյնեն, եթե ուզում ես, որ ես քեզ նավակ տամ, մի թաքցնիր, ճիշտն ասա․ ինչո՞ւ ես եկել այստեղ, երբ ոչ հիվանդություն ես քաշել, ոչ էլ ահեղ մահն է քեզ փախցրել, այստեղ հասցրել»։

Այն ժամանակ ծերուկ Վեյնեմեյնեն ասաց․

«Տեսնում եմ, որ անհնար է քեզ խաբել։ Լսի՛ր, հիմա քեզ կասեմ ճշմարտությունը։ Ես ուզեցա ինձ համար նավ սարքել։ Երգերով և կախարդանքներով ես կառուցեցի այն, բայց հիմա ուզում եմ իմանալ այն երեք խոսքը, որպեսզի կարողանամ նավը ջուրն իջեցնել։ Եվ ահա՛, ես որոշեցի իջնել մեռյալների կացարանը, փնտրել և գտնել այդ նվիրական խոսքերը»։

Մանալի դուրստը զայրացավ․

«Ո՛վ դու տխմար, անբան մարդ։ Ո՞վ է, որ հոժար կամքով իջնում է մեռյալների կացարանը։ Քանի ուշ չէ, անմիջապես վերադարձիր քո տունը։ Ով այստեղ է գալիս, նրան այլևս վերադարձ չկա»։

Ծերուկ, իմաստուն Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Միայն թույլ կանայք և երեխաները կարող են վախենալ քո խոսքերից։ Դու տուր ինձ նավակը, ով Մանալի աղջիկ, որ գամ հասնեմ ձեր ափը»։

Աղջիկը տեսավ, որ չի կարող համոզել Վեյնեմեյնենին, ուստի իր նավակով հասցրեց կղզին։ Տուոնելիի տիրուհին եկավ երգչի դիմաց, բերեց մի մեծ թաս գարեջուր՝ երկու ձեռքով բռնած և այնպես զգույշ, որ ոչ մի կաթիլ չթափվի գետնին։

«Խմի՛ր, ով երգասաց»։

Վեյնեմեյնենը վերցրեց թասը և նախքան կխմեր, նայեց թասի հատակը։ Իսկ ի՜նչ ասես, որ չկար թասի տակ․ էլ կռկռացող գորտեր, թունավոր օձեր, եղկելի որդեր։ Վեյնեմեյնենը թափեց կեղտոտ գարեջուրը և ասաց տիրուհուն․

«Ես նրա համար չիջա մեռյալների կացարանը, որ ձեր գարեջուրը խմեմ։ Ով խմի կհարբի՝ նա կկործանվի»։

Տուոնելիի տիրուհին զարմացած հարցրեց․

«Ինչո՞ւ ես եկել այստեղ, Վեյնեմեյնեն․ ինչո՞ւ չես սպասել մինչև քեզ կկանչեր Մանալը»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Ես եկել եմ, որ գտնեմ այն երեք խոսքը, որոնք պետք են ինձ իմ նավի կառուցումն ավարտելու համար»։

Տիրուհին ասաց․

«Մանալը քեզ ոչ մի խոսք էլ չի ասի․ դրանք քեզ պետք էլ չեն․ դու այստեղից այլևս չես վերադառնա, չես մտնի քո տունը, չես տեսնի քո հայրենի հողը։ Ով եկել է մեռյալների աշխարհը, նա այլևս ողջ չի վերադառնա»։

Տիրուհին այս խոսքերն ասաց թե չէ, Վեյնեմեյնենն ընկավ խոր քնի մեջ։ Տիրուհին կանչեց Մանալի որդիներից մեկին, որ նա հսկի եկվորին։

Մանալի որդին հազարից ավելի պղնձե ցանցեր բերեց դրեց սև ջրերի մեջ, իր զորեղ ձեռքերով էլ ցանցերն ամրացրեց իրար։ Տեսնե՛նք, այդ ցանցերի միջից ինչպե՞ս դուրս կպրծնի Վեյնեմեյնենը։

Վերջապես Վեյնեմեյնենը զարթնեց և այսպես խոսեց․

«Ո՛չ, իմ կյանքի վերջը չի եկել, Մանալի հզոր իշխողին չի հաջողվի ինձ զրկել իմ հայրենի աշխարհը վերադառնալու հաճույքից»։

Եվ իմաստուն երգիչն իսկույն ուրիշ կերպարանք առավ։ Որտեղ պետք էր իբրև օձ սողաց, մի ուրիշ տեղ էլ որդի նման կտրեց ճամփան, շատ տեղերում էլ փոքրիկ ձուկ դարձավ և դուրս եկավ Մանալի որդու ցանցերից։

Մանալի որդին առավոտ շուտ նայեց ցանցի մեջ։ Այնտեղ կային տեսակ֊տեսակ մեծ ու փոքր ձկներ, միայն իմաստուն Վեյնեմեյնենը չկար։

Իսկ այդ ժամանակ ծերուկ երգիչը վերջապես հասավ գետի ափը, լուսառատ աշխարհը և խոսեց․

«Ո՜վ դու բարեգութ Աստված, երբեք մի թույլ տա, որ մարդն իր կամքով գնա Մանալի աշխարհը»։

Ախա ջահելներին այսպես խրատեց․

«Երկրի զավակներ, ոչ ոքի վատություն մի՛ անեք, որպեսզի մեռյալների աշխարհում դրա հատուցումը չստանաք։ Այնտեղ մեղավորները տառապում են թեժ քարերի ու բոցկլտուն ժայռերի վրա, տանջվում են թունավոր օձի խայթոցից»։

Ռունա ԺԷ

Վեյնեմենենը իջնում է երկրի ընդերքը և լսում է իրեն անհրաժեշտ իմաստուն խոսքերը

Շատ ուրախացավ Վեյնեմեյնենը, որ ազատվեց Տուոնելիի մեռյալների աշխարհից, բայց սիրտը հանգիստ չէր։ Որտե՞ղ փնտրի, որտե՞ղ գտնի իրեն պետքական խոսքերը։

Եվ ահա՛, ճամփին հանդիպեց մի հովվի ու հարցրեց․

«Գուցե դու իմանա՞ս, որտեղ գտնեմ այն նվիրական երեք խոսքերը, որ ավարտեմ իմ նավակի կառուցումը»։

Հովիվը պատասխանեց․

«Այդ խոսքերը գիտի ծերուկ երգասացը, այն կախարդ հսկան՝ Վիպունենը․ նրա որովայնում դու կգտնես հարյուր երգ և հազար խոսք։ Վիպունենի մոտ տանող ճանապարհը ոչ հեշտ է, ոչ էլ դժվար։ Այդ ճամփին ցցված են ասեղներ և սրեր, ապա նաև սուր տապարներ»։

Հավատարիմ Վեյնեմեյնենը գնաց դարբնոցը և այսպես խոսեց․

«Ո՜վ հմուտ դարբին Իլմարինեն, ինձ պողպատից ոտնամաններ և երկաթե շապիկ սարքիր, հետո մի ամրակուռ լծակ շինիր։ Ես պիտի գնամ Վիպունենի մոտ, մտնեմ նրա որովայնը, որ գտնեմ այն կախարդական խոսքերը»։

Իլմարինենն ասաց․

«Վիպունենը վաղուց մեռել է, դու նրանից կես խոսք էլ չես լսի»։

«Բայց Վեյնեմեյնենը հագնվում է իր ուզածի նման և ճամփա է ընկնում։

Առաջին օրը վազելով անցավ սրածայր երկաթյա ասեղների վրայով։

Երկրորդ օրը բավական դժվարություն քաշելով անցավ պողպատյա սրերի վրայով։

Երրորդ օրն էլ օրորվելով անցավ սրած տապարների վրայով։

Վերջապես գտավ հսկա ծերունուն՝ Վիպունենին։

Երևում էր, որ ծերուկը վաղուց էր քուն մտել։ Վիպունենն իր ամբողջ մարմնով խրվել էր հողի մեջ։ Խրվել էր, ներաճել՝ արմատներ գցել․ մարմնի վրա ու շուրջ բոլորը ծառեր էին աճել․ ուսերին խոյացել էր բարդին, քունքերին կեչի ծառը․ մորուքի մեջ ճյուղեր էր արձակել ուռենին, ընչացքների մեջ լաստերն էին շարժում տերևները։ Ճակատին վերասլաց եղևնիներ էին բուսել, իսկ ատամների արանքում նոճին էր բոյ քաշել։

Վեյնեմեյնենը քաշեց երկաթե թուրը և սկսեց ճանապարհը մաքրել դեպի հսկայի որովայնը։ Մեկ հարվածով բարդին կտրեց, մյուս հարվածով ճակատի վրայից տապալեց եղևնին, հետո արմատից հանեց մորուքի մեջ ճյուղեր արձակած ուռենին։

Ապա, ինչպես մի մեծ դուռ բացի՝ հսկայի ծնոտները միմյանցից հեռացրեց, նրանց արանքում երկաթե սեպ խրեց և մտավ կարծր այտոսկրների կամարի տակ։

Այստեղ հսկա Վիպունենը զարթնեց, չորս կողմը նայեց, ուզեց բերանը փակել՝ չկարողացավ․ երկաթե սեպը պինդ խրված էր ատամների արանքը։ Ծերուկ հսկան ավելի լայն բացեց բերանը և երկաթե սեպի հետ կուլ տվեց նաև ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենին։ Կուլ տվեց և ինքն իրեն խոսեց․

«Շատ է պատահել, որ այծն ու մաքին միասին կուլ տամ, կովն իր կոտոշներով և վայրի խոզն էլ իր ժանիքներով իրար ետևից կուլ տամ, բայց դեռ չէր պատահել, որ այսպիսի կոշտ ուտելիք համտես անեմ»։

Հսկան հորանջեց մեկ֊երկու անգամ և նորից քնեց։

Իմաստուն Վեյնեմեյնենը մտածեց՝ ինչպե՞ս անեմ, որ հսկա Վիպունենին զարթնեցնեմ իր խոր քնից։

Եվ որոշեց հսկայի որովայնում աշխատել իբրև դարբին։ Երկաթե շապկից դարբնոց սարքեց, թևքերից փուքս շինեց, շալվարից խողովակներ հարմարեցրեց, զնդանն էլ արդեն իր ծունկը դարձրեց, մուրճն էլ նրա պինդ բռունցքն էր։

Գիշեր֊ցերեկ աշխատում էր Վեյնեմեյնենը և այնպես աղմուկով ու դղրդոցով, որ հսկան զարթնեց․ ներսում այրվող կրակից տառապում էր կախարդ ծերուկը․ այսպես խոսեց․

«Ի՞նչ մարդ ես դու, ո՞ր դյուցազունների հետ ես ընկերություն արել։ Ես հարյուր հերոս եմ կուլ տվել, հազարին էլ խժռել, բայց քո նմանին չեմ կերել։ Ո՞վ ուղարկեց քեզ, որ ինձ այսպես տանջում ես։ Դուրս արի իմ որովայնից, ով դու անպիտան շուն, թե չէ քո գլխին մեծ փորձանք կբերեմ․ իմ ամբողջ զորքը ոտքի կկանգնի․ փշատերև գիհը, հարյուր գլխանի նոճիները, սրածայր եղևնիները, դրանց հետ միասին հարյուրավոր հերոսներ զինված թրերով և նիզակներով քո դեմ կհանեմ, որ քեզ, ո՜վ հրեշ, դուրս շպրտեն»։

Իմաստուն Վեյնեմեյնենը իսկի բանի տեղ էլ չի դնում կախարդ հսկայի ասածները֊մուրճը խփում է զնդանին և փչում է փուքսը, ավելի է բորբոքում կրակը, բոցը հասնում է հսկայի լեզվին, թեժ ածուխը կոկորդն է այրում։

Վիպունենն էլ չէր կարող դիմանալ, ահեղ ձայնով գոռաց․

«Դու չար զավակ, ով դու անտեր շուն, դուրս արի քանի ուշ չէ։ Ասում եմ դուրս արի, նախքան արևը կծագի, նախքան աքլորը կկանչի։ Թե չէ քեզ կնետեմ գազանի որջը, կքշեմ անել ճահիճը, կխեղդեմ փրփրուն ջրվեժում․ անգղի կտուցով քեզ կհոշոտեմ, արծվի սուր ճանկերով քեզ մաս֊մաս կանեմ․ դո՛ւրս փախիր, քանի ուշ չէ գլուխդ ազատիր, քանի դեռ ողջ ես»։

Որովայնի խորքից այսպես պատասխանեց Վեյնեմեյնենը․

«Այստեղից չե՛մ հեռանա․ շատ լավ տեղ եմ ընկել․ հացի փոխարեն քո ճարպով տապակած լյարդն եմ ուտում, կրակի վրա խորովում եմ թոքերդ։ Շուտով դարբնոցս կփոխադրեմ քո սրտի մեջ և այնքան կհարվածեմ մուրճով, մինչև որ ասես նվիրական խոսքերը։ Ավանդական իմաստությունները, երգերը, որ պահում ես մտքումդ, չպե՛տք է թաղվեն հողում»։

Կախարդ երգիչ Վիպունենը տեսավ, որ ճար չկա՝ պետք է կատարի Կալեվալայի դյուցազունի խնդիրը։ Նա բացեց իր երգերի գանձարանը և սկսեց երգել դարերի խորքից եկող իմաստուն երգերը։

Առաջին երգն այն էր, թե ինչպես նախնական քաոսից ստեղծվեց աշխարհը, ― դա մի երգ է, որ հիմա ոչ փոքրերը գիտեն, ոչ մեծերը, քանի որ վատ ժամանակներ ենք հասել, հողը քիչ բերք է տալիս և հացն էլ սակավ է։

Հետո ծերունին հսկան երգեց երկրորդ երգը։ Երգի իմաստ այն էր, թե ինչպես Աստծո կամքով աշխարհի վրա կյանք առաջացավ և գոյացավ մթնոլորտը, ինչպես ջուրն սկիզբ առավ երկրի վրա, ապա ջրի արանքներում առաջացան ցամաքները, բերրի հողը և հողի վրա արդեն ինչպես սկսեցին աճել տեսակ֊տեսակ բույսեր։

Շատ երգեր երգեց կախարդ֊ծերուկ Վիպունենն այն մասին, թե ինչպես երկնքում հուրհրաց պայծառ արևը, ինչպես երկինքը լցվեց փայլփլուն աստղերով և թե ինչպես խավար գիշերի սկսեց լույս տալ լուսնկան։

Խոսքերն ինչպես թռչուններ թռչում էին նրա բերանից, ինչպես արագավազ ձիեր դուրս էին սլանում նրա կրծքից։

Երբեք Վեյնեմեյնենը չէր լսել այդպիսի սքանչելի երգեր։ Ամբողջ բնությունն էլ, արևն ու լուսինն էլ ականջ էին դնում երգչին։ Ծերուկ Վիպունենի երգերից Կալեվալայի դյուցազունը շատ իմաստություններ և խորամիտ առակներ սովորեց, ամեն տեսակ գործի վարպետություն ուսանեց։

Եվ ահա՛, Վեյնեմեյնենը որովայնի խորքից ձայն տվեց․

«Ո՛վ դու Վիպունեն, լայն բաց արա բերանդ, որպեսզի ես քո որովայնից դուրս գամ և իմ հայրենիքը վերադառնամ»։

Վիպունեն ասաց․

«Շատերին էի կուլ տվել, բայց քեզ նմանին չէի հանդիպել․ երևում է շատ խորամանկն ես, որ կարողացար որովայնս մտնել և իմաստություններին տիրանալ։ Դե, լավ է, որ հիմա գնում ես»։

Այս ասաց ծերունին և լայնաբերան հորանջեց։ Վեյնեմեյնը ինչպես սկյուռ՝ արագ լույս աշխարհ ելավ։

Նա շտապեց տուն․ մտավ եղբոր դարբնոցը։ Իլմարինենը հարցրեց․

«Ասա՛, գտա՞ր փնտրածդ երեք խոսքը, որ կարողանաս նավիդ կառուցումն ավարտել»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Վիպունենի գաղտնարանից հարյուր տեսակ խոսք ու կախարդանք սովորեցի, ամեն տեսակ իմաստություն քաղեցի՝ լույս աշխարհ հանեցի»։

Ծերուկ Վեյնեմեյնենը գնաց իր կիսասարք թողած նավի մոտ․ երգեց նոր, իմաստուն երգեր։ Նավի կողերն ավելի պնդացրեց․ ղեկն ամրացավ․ քառակող ողնոցը սարքվեց։ Վերջապես կազմ ու պատրաստ էր ամրակուռ նավը։

Ռունա ԺԸ

Վեյնեմեյնենը և Իլմարինենը մեկնում են Պոխյոլա հարսնախոսության

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը շատ ծանր ու թեթև արավ, վերջը վճռեց գնալ Պոխյոլա՝ բերել գեղեցկուհի հարսնացուին։

Նորից տնտղեց ամռակուռ նավակը, կարմիր ներկեց չորս բոլորը, ոսկեզօծեց առաջամասը, լուսադեմին նավակն հրեց ծովի մեջ, բարձրացրեց կապույտ առագաստը և այսպես խոսեց․

«Ով ամենակարող, դու օգնիր ինձ՝ թույլ մարդուս, որ հաջող նավարկեմ ծովի վրա։ Առաքիր բարենպաստ հողմեր, որ ես առանց թիերի նավս առաջ տանեմ կապույտ ծովի ընդարձակ տարածություններով»։

Այդ ժամանակ Իլմարինենի քույրը, Աննիկկին՝ մթնշաղի և գիշերի չքնաղ աղջիկը տեսավ, որ նավ է շարժվում ծովի վրա, ու աղջիկն այսպես խոսեց․

«Եթե դու եղբորս նավն ես, ապա մոտեցիր հարազատ ափին, դեպի հայրենի նավահանգիստ շուռ տուր քո ընթացքը։ Իսկ եթե դու օտար աշխարհից ես եկել, ապա շարունակիր քո ճանապարհը, հեռացիր մեր հայրենի երկրից»։

Աղջիկը մոտեցավ ծովափին և տեսավ, որ Վեյնեմեյնենն է նստած նավակում։ Աննինկկին հարցրեց․

«Ո՞ւ ես գնում Վեյնեմեյնեն, դու մեր երկրի պարծանքը, այդ ո՞ւր ես շտապում»։

Նավի միջից այսպես պատասխանեց ծերունին․

«Գնում եմ այնտեղ, ուր լոսդին հիմա ձկնկիթ է դնում, գնում եմ որս անեմ»։

Այն չքնաղ Աննիկկին ասաց․

«Գոնե այդպես բացեիբաց սուտ չասեիր, հիմա լոսդին ձկնկիթ չի դնում։ Թե որ ձուկ ես ուզում որսալ, ապա ո՞ւր է քո ձկնորսական սարքը։ Ես տեսել եմ, թե ինչպես իմ հայրը որսի էր գնում։ Նավում նա ուներ ուռկան, նստարանին երկար կարթաձողեր։ Իսկ դու ոչինչ չունես։ Ճիշտն ասա, Վեյեմեյնեն, ո՞ւր ես ուզում գնալ»։

Վեյնեմեյնը պատասխանեց․

«Ուզում եմ նավարկել դեպի սաքսոնական նեղուցը և վայրի սագեր որսալ»։

Աննիկկին ասաց․

«Ես անմիջապես իմանում եմ, թե ով է ճշմարիտը խոսում, իսկ ստախոսին տեղն ու տեղը բռնում եմ․ դու սագ որսալու ոչ մի գործիք չունես, երբ իմ հայրը գնում էր սագ որսալու, նա ուսին գցում էր նետ ու աղեղ, շունն էլ արդեն վազում էր նրա առջևից։ Դու Վեյնեմեյնեն, ինձ ճշմարիտն ասա, ո՞ւր ես գնում»։

Ծերուկը պատասխանեց․

«Ես գնում եմ այնտեղ, ուր սարսափելի կռիվ է, ուր հերոսներն իրար դեմ եմ ելել և արյունն արդեն կռվողների ծնկներին է հասել»։

Աղջիկն ասաց․

«Ո՛չ, ճշմարիտ չես ասում, ես գիտեմ, թե ոնց են կռիվ գնում․ երբ հայրս կռիվ էր գնում, հարյուր տղամարդ թիավարում էին, հարյուրն էլ նրանց կողքին կանգնած էին լինում։ Նրանք բոլորը զինված էին լինում աղեղներով և պողպատյա թրերով․ ավելի լավ է, ճիշտն ասա, թե ո՞ւր ես գնում»։

Ծերուկ երգիչը ստիպված խոստովանեց․

«Լա՜վ, ես քեզ հիմա ճշմարիտը կասեմ։ Ես գնում եմ Պոխյոլա, որ այն չքնաղ աղջնակը բերեմ, ամուսնանամ հետը, թեև գիտեմ, որ այնտեղ մարդակերներ են ապրում և հերոսներին ծովում խեղդում են»։

Աղջիկն այլևս չխոսեց, անմիջապես հետ դարձավ, վազեց հասավ դարբնոցը։ Եղբայրը՝ Իլմարինենը ոտից գլուխ մրի մեջ թաթախված աշխատում ու կոփում էր գործիքներ։ Աղջիկն ասաց․

«Եղբայր իմ Իլմարինեն, ով դու ճարտար դարբին, ինձ համար սարքիր նոր մաքոքներ, գեղեցիկ մատանիներ, երեք հատ մանյակ, հինգ վեց հատ քամար և ես քեզ ճշմարիտ բաներ կասեմ»։

«Թե լավ լուրեր ես բերել, թե՛ մաքոք, թե՛ մատանիներ, թե՛ քամար և ինչ ուզես կսարքեմ քեզ համար», ― ասաց Իլմարինենը։

Չքնաղ Աննիկկին ասաց․

«Լսիր եղբայր իմ, դու առավոտից մինչ երեկո մուրճովդ աշխատում ես, ամառ֊ ձմեռ պայտեր ու սահնակներ ես սարքում, թիեր ու աղեղներ ես կռում֊կոփում, այդ բոլորը նրա համար, որ գնաս ամուսնանաս Պոխյոլայի դստեր հետ։ Ուրեմն շտապի՛ր, այնտեղ է գնում Վեյնեմեյնենը, որ բերի այն չքնաղ պոխյոլցի աղջկան և հետն ամուսնանա․ իսկ այդ աղջիկը քո ընտրելին է, նրան տիրանալու համար դու Սամպոն կառուցեցիր, դե՛, շտապիր, ով ձեզանից ավելի խորամանկ է և ճարպիկ՝ նա էլ կտիրանա աղջկան»։

Իլմարինենը տխրեց․ մուրճը ձեռքից ընկավ, աքցանն էլ չկարողացավ բռնել․ այսպես ասաց քրոջը․

«Իմ սիրելի քույր Աննիկկի, ես քեզ համար կսարքեմ նոր մաքոքներ և մատանիներ, մանյակ ու քամար, ինչ որ ուզես, միայն թե բաղնիքը լավ տաքացրու, որ ես իմ վրայի կեղտն ու փոշին մի լավ մաքրեմ»։

Աննիկկին բաղնիքը մի լավ տաքացրեց, աղբյուրի մաքուր ջուրը եռացրեց, լցրեց ջեռ քարերի վրա և գոլորշին լցրեց բաղնիքը։ Իլմարինենը լողացավ և երբ տուն մտավ, դժվար էր ճանաչել նրան․ պարանոցը ոնց որ ճերմակ ձու, մազերը շեկլիկ, աչքերը ոնց որ պայծառ արև, այտերն էլ արդեն կարմրավուն էին։

Դարբինն հագավ ամենալավ զգեստները․ ասեղնագործ վերնաշապիկ, նոր մահուդի կապա, վրայից էլ փափուկ մորթուց կարված՝ բազմաթիվ զարդարանքներով մուշտակ։

Աննիկին եղբորը տվեց այն քամարը, որ մայրն հյուսել էր աղջիկ ժամանակը․ հագցրեց ձեռնոցներ, որ մայրն հյուսել էր, երբ դեռ նորահարս էր։ Եղբոր գլխին էլ դրեց այն գլխարկը, որ հայրը հարսանիքի օրն էր ծածկել։

Դռանն արդեն պատրաստ էր սահնակը։ Ստրուկը լծել էր ամենաուժեղ ձին։ Սահնակի աղեղին էլ նստած էին վեց երգեցիկ թռչուններ, զնգզնգում էին յոթը զանգակներ։ Սահնակին փռված էր արջի մորթի և փոկի մուշտակ։

Իլմարինենը մի ձեռքում ձիու սանձն առավ, մյուսում մտրակը, ճամփա ընկավ և այսպիսի խոսքերով դիմեց բարձրայլին․

«Ով դու, ամենազոր Ուկկո Աստված, հրամայիր որ երկնքից փափուկ ձյուն տեղա իմ ճամփին, որ իմ սահնակը հեշտությամբ սահի ու շուտ տեղ հասնի»։

Բարձրայլն Ուկկոն կատարեց նրա խնդիրը․ ճամփին փափուկ ձյուն տեղաց, Իլմարինենի սահնակը ծովափով արագ գնաց մեկ օր, երկու օր և վերջապես երրորդ օրը հասավ Վեյնեմեյնենին, որ ծովափից քիչ հեռու նավարկում էր․ նա դիմեց երգչին․

«Ո՛վ ծերուկ Վեյնեմեյնեն, տեսնում եմ, որ Պոխյոլայի այդ աղջիկը կռվախնձոր է դարձել մեր մեջ, արի պայման դնենք՝ նրան չառնենք զոռով։ Ում որ աղջիկն հոժար կամքով կհավանի, թող նա էլ դառնա այդ չքնաղ աղջկա ամուսինը»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Սիրով համաձայն եմ այդ պայմանիդ․ ես աղջկան զոռով չեմ վերցնի․ իր հոժար կամքով ումը կընտրի աղջիկը, թող նրա հետ էլ ամուսնանա։ Եթե աղջիկն ինձ չհասնի, ես չեմ թշնամանա և ոխ չեմ պահի քո դեմ»։

Եվ ամեն մեկը շարունակեց իր ճամփան։ Ճողփելով ջուրը լողում էր նավակը, գետինը թնդացնելով սահնակն էր թռցնում հրեղեն ձին։

Եվ ահա՛ լսվեց շների ուժեղ հաչոց։ Պոխյոլայի մռայլ տերը չգիտեր, թե իր մոտ մարդիկ են գալիս։ Տան պահապան շունն ինչ֊որ հոտ է առել։ Հայրն ասաց աղջկան․

«Դստրիկս, գնա՛, տե՛ս, ո՞ւմ վրա է հաչում շունը»։

Աղջիկն ասաց․

«Առանց դրան էլ շատ գործ ունեմ․ ես պիտի գոմը մաքրեմ, կովերին խնամեմ, երկանք աղամ․ էլ ո՞նց հասնեմ֊տեսնեմ, թե շունն ինչո՞ւ է հաչում»։

Իսկ շունն հա հաչում է։

Պոխյոլայի տերն այս անգամ կնոջն ասաց․

«Այ պառավ, գնա տես, թե ինչո՞ւ է մեր շունը հաչում»։

Պառավն ասաց․

«Դրա ժամանակը չէ․ ես հազիվ ճաշը պատրաստեմ, դեռ խմորն էլ չեմ հունցել, որ հաց թխեմ»։

Պոխյոլայի տերը բարկացավ․

«Կանայք միշտ պատճառ են փնտրում, որ գլուխ պահեն․ կամ վառարանին կպած տաքանում են, կամ էլ թավալվում են անկողնում․ ապա, տղաս, դու գնա տես, թե ինչո՞ւ է շունն հաչում․ մեր գամփռը երբեք իզուր տեղը չի հաչա»։

Երիտասարդը պատասխանեց․

«Ես ավելի կարևոր գործով եմ զբաղված․ կացինը պիտի սրեմ, ոստղոտ փայտերը պիտի ջարդեմ, վառելիք պատրաստեմ և վառարանը վառեմ»։

Պոխյոլայի տիրոջ զայրույթին էլ չափ չկար։ Ինքը գնաց տեսնի, թե ինչո՞ւ է շունն հաչում։ Գամփռը ցռուկը մեկ դեպի ծովի կողմն է դարձնում, մեկ բլուրներին է նայում։ Ինքը տերն էլ նայեց ծովի կողմը և տեսավ, որ ճեղքելով ծովի ալիքները, դեպի իրենց ափն է գալիս կարմիր մի նավ՝ ծածանելով կապույտ առագաստը։ Հետո նայեց բլուրների կողմը, տեսավ որ դեպի իր տունն է գալիս մի զարդարուն սահնակ․

Պոխյոլայի տերը տուն մտավ և ասաց․

«Մեզ մոտ օտար մարդիկ են գալիս․ մեկը նավով, մյուսը սահնակով․ ո՞նց իմանանք, լա՞վ գործի համար են գալիս, թե՛ կռիվ անելու»։

Պոխյոլայի տիրուհին՝ Լոուխին ասաց․

«Հիմա կիմանանք, ― և աղջկանը կարգադրեց, ― սնձենին դիր կրակը, թե այդ ընտիր փայտը այրվելիս արյուն դուրս տվեց, ուրեմն մեզ վրա կռիվ են գալիս, իսկ եթե այրվելիս ջուր ծլծլաց, կնշանակե, թե լավ գործի համար են գալիս»։

Աղջիկը փայտը դրեց կրակարանը ու քիչ հետո եկավ մորն ասաց․

«Ո՛չ արյուն տվեց փայտը, ոչ էլ այրվելիս ջուր ծլծլաց, այլ մեղր սկսեց ծորալ փայտից»։

Մայրն ասաց․

«Եթե փայտից սկսեց մեղր ծորալ, ուրեմն փեսացուներ են եկել։ Աղջի՛կս, լա՛վ իմացիր, նրանցից չես կարող ազատվել․ ձին օտար աչքից կարելի է թաքցնել, բայց գեղեցիկ աղջկան ինչպես էլ թաքցնես միևնույն է, փեսացուները նրան կգտնեն․ թեկուզ աղջկան քարե ամրոցի մեջ պահես, թեկուզ ծովի հատակում թաքցնես՝ նորից կգտնեն»։

Պառավը դուրս եկավ, մեկ էլ նայեց և ճանաչեց եկողներին․ աղջկանն ասաց․

«Այն որ գալիս է նավակով, դա ծերուկ Վեյնեմեյնենն է։ Իր նավակի մեջ նա ունի շատ թանկագին գանձեր։ Նա շատ իմաստուն և հզոր երգասաց է։ Իսկ նա ով գալիս է սահնակով, դա դարբին Իլմարինենն է․ նա գալիս է դատարկ ձեռքով, նրա ունեցածը ծուխ ու մուր է․ նրա սահնակում միայն խոստում կա։ Հենց որ նրանք տուն կմտնեն, կնստեն, որ հանգստանան, դո՛ւ, աղջիկս, մի աման մեղր բեր, և մեղրը կտաս նրան, որին ընտրել ես քեզ փեսացու։ Վեյնեմեյնենին տուր մեղրով լի ամանը, նա իր նավակում շատ ոսկի և արծաթ ունի»։

Գեղեցիկ աղջիկն այսպես խոսեց․

«Մայր իմ, դու ծնել, կերակրել ու մեծացրել ես ինձ, իմացի՛ր, ես հարուստ փեսացու չեմ ուզում։ Ես ծերուկ Վեյնեմեյնենին մարդու չեմ գնա։ Իմ ամուսինը պետք է գեղեցիկ լինի թե դեմքով, թե կազմվածքով։ Չի կարելի աղջկան ծախել։ Ես երիտասարդ Իլմարինենին եմ ինձ փեսացու ընտրում, թող նա գանձեր չունենա, բայց չէ՞ որ նա է կռել֊կոփել հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։

Մայրն ասաց․

«Դու հիմար ես, ինչպես գառնուկ, Իլմարինենը դարբին է, ոտն ու գլուխը շարունակ մրոտ․ նրան առնես, որ հա՛ նրա կեղտոտ շապիկնե՞րը լվանաս»։

Այսպես պատասխանեց աղջիկը․

«Ծերուկ Վեյնեմեյնենին չեմ ուզում պահապան դառնամ․ ես նրա հետ չեմ կարող ապրել, ձանձրալի կդառնա կյանքը ծերուկի հետ»։

Եվ ահա քիչ անց տուն մտավ Վեյնեմեյնենը ու դիմեց աղջկան․

«Կուզե՞ս, ով չքնաղ աղջիկ, կյանքդ կապես ինձ հետ, դառնաս իմ կինը, դառնաս իմ սիրած թռչնակը»։

Պոխյոլայի գեղեցկուհին իսկույն հարցրեց․

«Իսկ դու ինձ համար նավակ սարքեցի՞ր իմ իլիկների կտորտանքից»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Ես քեզ համար ավելի լավ նավակ սարքեցի, քան ինքդ ուզեցիր․ այս նավակը ոչ անձրևից, ոչ էլ քամուց չի վախենում․ փրփուրի նման անցնում է ալեկոծ ծովի վրայով, ծաղկի նման ճոճվում է ծովի հարթությունների վրա։ Իմ նավը ծովի վրա իրեն ավելի ամուր ու հաստատ է պահում, քան տունն է կանգնած հողի վրա»։

Պոխյոլայի գեղեցկուհին այսպես պատասխանեց։

«Չեմ ուզում այն մարդուն, որ մշտապես ծովի ալիքների վրա է ապրում․ նրա խելքը քամին կտանի, ուղեղը կծեծեն հողմերը․ ո՛չ, կյանքս չեմ կապի քեզ հետ, չեմ ուզում, ծերուկ քո թռչնակը դառնալ, չեմ ուզում քո անկողինը սարքել և փափուկ բարձ դնել գլխիդ տակ»։

Ռունա ԺԹ

Պոխյոլայի գեղեցկուհին ընտրում է իր փեսացուն, բայց նախքան ամուսնանալը պառավ Լոուխին փեսացուին տալիս է մի քանի դժվար հանձնարարություններ․ հարսնացուի խորհրդով, փեսացու Իլմարինենը գլուխ է բերում բոլոր հանձնարարությունները

Իլմարինենն, այն ճարտար դարբինը, խրճիթ մտավ։ Աղջիկն անմիջապես ամանով լի անուշիկ մեղր հրամցրեց նրան։

Դարբինն ասաց․

«Ամողջ կյանքումս ես մի կաթիլ մեղր բերանս չեմ առնի, եթե կնության չտաք այս չքնաղ աղջկան»։

Պառավ Լոուխին ասաց․

«Որպեսզի աղջկանս քեզ կնության տամ, պետք է արժանի լինես տիրանալու իմ չքնաղ դստերը, որ երկնքի ու երկրի զարդն է, գեղեցիկ է գարնան ծաղկի պես։ Ա՛յ, եթե կարողանաս վարել, ցանքսի համար փխրացնել այն դաշտը, որտեղ վխտում են օձերը, միայն այն ժամանակ աղջիկս կհագնի հարսանեկան զգեստները, կհագնի իր ոտնամանները և քո կինը կդառնա»։

Ճարտար դարբինն այսպես խոսեց․

«Շատ վատ է քո հիշողությունը, տիրուհի․ ուրիշ խոսքեր էին քո լեզվի վրա, երբ ես գեղեցիկ կափարիչով հրաշք֊ինքնաղաց Սամպոն էի կառուցում»։

Դարբինն անմիջապես գնաց աղջկա սենյակն ու ասաց․

«Հիշո՞ւմ ես չքնաղ աղջիկ, երբ ես Սամպոն կառուցեցի, դու ամենաբարձրայլի առաջ սուրբ երդում տվիր, որ իմ կինը կդառնաս, իմ սիրելի թռչնակը կլինես։ Մայրդ քեզ ինձ կնության չի տա, եթե ես օձերով լցված դաշտը չվարեմ»։

Հարսնացուն այսպիսի խորհուրդ տվեց փեսացուին․

«Ով դու ճարտար դարբին Իլմարինեն, արծաթից խոփ սարքիր և ոսկեզօծիր․ դրանով դու դաշտը շատ արագ կվարես, օձերին էլ կտոր֊կտոր կանես»։

Դարբինը հնոցում ոսկի և արծաթ լցրեց ու մի լավ խոփ սարքեց, հետո երկաթե ոտնամաններ շինեց, պղնձե փաթաթաններ թրծեց սրունքների համար, ապա պողպատե վերնաշապիկ և քարե ձեռնոցներ սարքեց․ գութանին էլ լծեց կայծակնացայտ ձի և գնաց դաշտը։

Օձերն հենց դարբնին տեսան, ֆշշոցով գլուխները բարձրացրին, ձգեցին իրենց երկար վիզը և լայն բացելով բերանները՝ թունավոր լեզուները հանեցին և չորս կողմից վրա տվին դարբնին։

Բայց դարբինը չվախեցավ․ ասաց․

«Օձեր, ձեզ էլ Աստված է ստեղծել, բայց հեռացեք իմ ճամփից, հեռացեք այս դաշտից և գնացեք անտառի խորքերը, մտեք ճահիճների եղեգների մեջ։ Եթե այստեղից չեք հեռանա, ապա բարձրյալն Ուկկոյի կամքով ես ձեր գլուխը կջախջախեմ և դաշտը կմաքրեմ»։

Եվ մտրակեց ձիուն․ խոփը ջարդոտելով օձերի գլուխն ու մեջքը, դաշտը վարեց․ քիչ հետո դաշտը մաքրված էր։ Իլմարինենը դարձավ տուն և դիմեց տիրուհուն․

«Դե, ես արեցի այն, ինչ դու պատվիրեցիր․ հիմա քո սիրասուն ծաղկին, քո աղջկան ինձ կնութայն կտա՞ս»։

Պոխյոլայի տիրուհին պատասխանեց․

«Ո՛չ, դու արժանի չես իմ աղջկան․ երբ բռնես Տոունելիի արջին, երբ Մանալի անտառից բռնես բերես գայլին, այն ժամանակ իմ սիրասուն աղջիկը քեզ կնության կտամ»։

Դարբինը գնաց աղջկա մոտ, ասաց թե ինչ է պահանջում մայրը․

Աղջիկը փեսացուին խորհուրդ տվեց․

«Ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես բռնես գայլին, ինչպես բերես արջին․ պողպատյա սանձ սարքիր և երկաթե երկար պարան․ դրանցով թե գայլին կբռնես, թե արջին»։

Դարբինը պողպատե սանձն ու երկաթե պարանը սարքեց և գնաց Տուոնելիի անտառն ու այսպիսի խնդրանք արավ․

«Ով դու Դումանի դուստր Տերհենետյար, դու անտառը պատիր մեգ֊մառախուղով, որ գազաններն իմ ոտնաձայնը չլսեն և չկարողանան փախչել»։

Անտառի դուստրը նրա խնդիրը կատարեց։ Իլմարինենն երկաթե պարանով կապեց արջի երախը, պողպատե սանձով սանձեց գայլին, վերադարձավ տուն ու դիմեց տիրուհուն։

«Դե, աղջկանդ տուր ինձ կնության։ Արջն էլ, գայլն էլ բռնել֊բերել եմ»։

Իսկ չար Լոուխին նորից ասաց․

«Չէ՛, դեռ էլի անելիք ունես․ իմ քնքուշիկ աղջկան քեզ կնության կտամ, եթե առանց ցանցի և ուռկանի Տուոնելիի խոր ջրերի միջից բռնես֊բերես չաղ֊խոշոր գայլաձուկը։ Իմացի՛ր, շատերն են փորձել այնտեղ որսալ այդ ձկան, բայց գնացողը ետ չի եկել»։

Իլմարինենը շատ մտահոգվեց, շատ տխրեց, մտավ աղջկա սենյակն ու ասաց․

«Մայրդ ինձ նոր, շատ դժվար բան է պարտադրել։ Տուոնելիի մռայլ ջրերում պետք է գայլաձուկ որսամ։ Բայց ոչ ցանց ունեմ, ոչ էլ հարմար ձկնորսական սարք»։

Իսկ Պոխյոլայի գեղեցկուհին դարձյալ հանգստացրեց փեսացուին և խորհուրդ տվեց․

«Ոհ, ճարտար դարբին, երբեք մի ընկճվիր։ Քո հնոցում մի հրեղեն արծիվ սարքիր և նա քեզ համար Տունելիի ջրերում կորսա ամենամեծ և չաղ գայլաձուկը»։

Դարբինը գործի անցավ․ կոփեց հրեղեն արծիվ․ թաթերը երկաթից, ճանկերը պողպատից, թևերն էլ պղնձից էին։ Չէր կարելի ասել, թե դա ամենամեծ արծիվն էր, բայց և փոքր էլ չէր․ կտուցը հարյուր սաժեն էր, լեզուն վեց նիզակաչափ, ամեն մի ճանկը՝ ոնց֊որ սուր գերանդի։

Իլմարինենը նստեց արծվի մեջքին և այսպիի պատվեր տվեց․

«Ով դու սիրելի արծիվ, թռիր այն կողմը, որ կողմը կհրամայեմ ես։ Տուոնելիի ջրերից դու պիտի որսաս մեծ֊չաղ գայլաձկան»։

Ասաց֊չասաց՝ արծիվը թափահարեց թևերը և օդ բարձրացավ․ մեկ թևով դիպչում էր ծովի ալիքներին, մյուսով հասնում է ամպերին․ ճանկերով ծովի հատակից ավազ էր հանում, կտուցով խփում էր ծովափի ժայռերին։

Եվ քիչ անց Իլմարինենին իջեցրեց Տուոնելիի սև ջրերի ափին։

Դարբինը քայլում է գետափով, փրփրոտ ալիքների մեջ որոնում է մեծ֊չաղ գայլաձկան, իսկ հրեղեն թռչունը թևածում է նրա գլխավերևում՝ պահպանում է իր տիրոջն ամեն տեսակ վտանգից։

Եվ ահա գայլաձուկը երևաց գետի ալիքների վրա․ լեզուն կացնի նման սուր է, ատամները՝ ոնց որ փոցխ․ մեջքին կարող է յոթը նավակ տեղավորվել։

Բացեց իր երախը գայլաձուկը և ուզում է կուլ տալ ճարտար դարբնին։

Բայց արծիվը հոգնած չէր․ վերևից թափով ընկավ նրա մեջքին, սուր ճանկերով չանգռեց գայլաձկան մեջքը և ուզում էր քարշ տալ, ափ հանել։

Գայլաձուկն էլ քնած չէր, թափ տվեց իրեն և սուր ատամներով բռնեց արծվի ճանկը։

Գայլաձուկը արծվին քաշում է դեպի հատակը։

Իսկ արծիվն է գայլաձկան քաշում է դեպի ափը։

Շատ քաշքշեցին իրար։ Արծիվն սկսեց թուլանալ․ ամբողջ ուժով թափահարեց հզոր թևերը, այնպես որ քամի բարձրացավ և ճանկն ազատեղ գայլաձկան երախից։

Հզոր արծիվը թևածեց գետի վրայով և կրկին նետվեց գայլաձկան վրա։ Այս անգամ մեկ մագիլը խրեց ձկան ուսի մեջ, մյուսով կառչեց ժայռին։

Արծիվը գայլաձկան ուզում է դուրս բերել գետից։

Գայլաձուկն ուզում է արծվին քաշել գետի հատակը։

Այս անգամ էլ արծիվը չկարողացավ հաղթել որսին։ Թեև ահռելի ձկան մեջքը պատռտված էր և մսերը քարշ էին ընկել կողերին, բայց գետի գայլն ազատվեց արծվի սուր ճանկերից։

Հրեղեն արծիվը մեկ էլ պտույտ եկավ օդում և երկրորդ անգամ հարձակվեց գայլաձկան վրա։ Թևերից բոցեր են ցայտում, աչքերից կայծեր։ Այս անգամ թռչունն իր բոլոր ճանկերը խրեց գայլաձկան մարմնի մեջ։ Հսկա ձկան թեփուկներից Մանալի ջրերը պսպղացին, իսկ արծվի փետուրներից շրջապատը մթագնեց։

Գայլաձուկը թպրտում էր արծվի պողպատե մագիլներում և չէր կարողանում ազատվել։ Իսկ արծիվը որսին պինդ սեղմած իր հզոր մագիլներում, օդ բարձրացավ։ Տեսավ քիչ հեռու մի առատաճյուղ կաղնի։ Արծիվն իր որսով իջավ կաղնու վրա, ուզեց ձկան համը տեսնել։ Եվ ահա՛ նա իր մագիլներով ծովային գայլի գլուխը բաժանեց մարմնից, մարմինն էլ մաս֊մաս արավ ու կերավ․ մնաց գլուխը։

Իլմարինենն այս որ տեսավ, ասաց․

«Այ դու թևավո՛ր, լավ օգնական չես, ինչ որսացիր՝ այն էլ կերար․ ես ինչ տանեմ Պոխյոլայի տիրուհուն»։

Արծիվն ասաց․

«Թողել եմ գլուխը․ սրանից Պոխյոլայի տիրուհու համար սեղան կսարքես»։

Իլմարինենը ձկան գլուխը բերեց տվեց Պոխյոլայի տիրուհուն և ասաց․

«Քո հրամանով ես հերկեցի օձերով լի դաշտը․ հետո հրամայեցիր, որ գնամ Մանալի անտառը և բռնեմ արջին ու գայլին․ այդ հրամանդ էլ կատարեցի։ Վերջապես հրամայեցիր որպեսզի Տուոնելիի ջրերում որսամ մեծ ու չաղ գայլաձկան․ ահա այդ հրամանդ էլ կատարել եմ․ հիմա ասա, վստահո՞ւմ ես ինձ․ աղջկանդ ինձ կնության կտա՞ս»։

Պոխյոլայի տիրուհին ասաց․

«Բայց վերջին հրամանս լավ չես կատարել․ գայլաձկան միսը կերել, միայն գլուխն ես բերել»։

Ճարտար դարբինը պատասխանեց․

«Ես ամենադժվար տեղից գայլաձուկ եմ որսացել․ իհարկե, այդպիսի ծանր գործի մեջ մի բան էլ կարող է թերի մնալ։ Դե, ուրեմն, ինձ կնության տուր քո աղջկան, որին տենչացել եմ երկար ժամանակ»։

Այստեղ Պոխյոլայի տիրուհին վերջապես ասաց Իլմարինենին ցանկալի խոսքերը․

«Այո, հիմա իմ աղջիկը քեզ կնության կտամ․ տարիներ շարունակ դու տենչացել ես նրան։ Քեզ եմ տալիս իմ քնքուշիկ, իմ հարազատ դստրիկը, թող նա քե՛զ, ո՛վ Իլմարինեն, դառնա կյանքի ընկեր, դառնա քո սիրելի թռչնակը»։

Վեյնեմեյնենը որ տեսավ, թե ինչ կատարվեց․ շատ տխրեց ու այսպես խոսեց․

«Ավա՜ղ, ինձ ծերուկիս․․․ Ես պետք է ջահել ժամանակս ամուսնանայի։ Ով ջահել օրերին տուն ու տեղ է դրել, ընտանիք է կազմել ու երեխաներ ունեցել, նա իր բախտից չի գանգատվի»։

Եվ ծերուկը տխուր֊տրտում մտածում էր, որ հասակն առած մարդը չպիտի մրցի երիտասարդի հետ, երբ մտադրվում է ամուսնանալ։

Ռունա Ի

Հարսանեկան խնջույքի համար մեծ ցուլն են մորթու, գարեջուր պատրաստում

Հիմա երգենք այն մասին, թե ինչպիսի խնջույք սարքեց մռայլ Պոխյոլայի տիրուհին։

Թող բոլորը տեսնեն, թե նշանավոր տոհմի աղջկան ինչպիսի փառքով ու շուքով են ճամփու դնում։

Շատ հյուրեր պիտի կանչեն հարսանիքին, ուրեմն պետք է այնպիսի մսացու, որը բոլորը լիանան։

Եվ պառավն ընտրեց մի ցուլ․ ոչ շատ մեծ էր այդ ցուլը, ոչ էլ փոքր․ կոտոշները հարյուր սաժեն էին, ռեխը՝ հարյուր հիսուն։ Ծիծեռնակը նրա մեկ կոտոշից մյուսը թռչում էր հազիվ մի օրում․ ծիտիկն էլ նրա վզի շուրջը յոթ օրում կարող էր փաթ տալ, իսկ սկյուռը գլխից մինչև պոչը հազիվ անցներ մեկ ամսում։

Հարյուր ամենաուժեղ այրեր բռնել էին ցուլի կոտոշներից և հազար քաջ տղամարդ էլ քշում բերում էին հսկա ցուլին։ Բայց ոչ ոք, ո՛չ ահել, ո՛չ ջահել սիրտ չեն անում, չեն համաձայնում մորթել ահեղ ցուլին։

Եվ իր համար արածում է ցուլը։ Դունչը խոտերին է դիպչում, իսկ մեջքն ամպերն է քերում։

Իսկ ով ուզում է մոտենալ, ցուլն իր սև աչքերը խոժոռում է այդ մարդու վրա, և մարդը, թե երկու ոտք ունի, երկու ոտք էլ փոխ առած փախչում, պահվում է թփուտներում, կամ մագլցում ծառն ի վեր։

Հապա ո՞վ պիտի մորթի հարսանիքի մսացուն։ Ո՞րտեղ գտնել այդ քաջ մարդուն։ Եվ փնտրում են այդ սրտոտ մարդուն Կարելիայի անտառներում, փնտրում են Պոխյոլայի դաշտերում, փնտրում են քաջակորով շվեդների երկրում, փնտրում են ռուսների հյուրընկալ հողում, բայց ոչ մի տեղ հարմար մարդ չեն գտնում։

Եվ ահա՛ հանկարծ ծովից դուրս եկավ մի տարեց դյուցազն։ Հսկաների մեջ նա ոչ ամենքից մեծն էր, ոչ էլ ամենափոքրը։ Կարող էր տեղավորվել փայտե թասի հատակում, կամ էլ թե մաղի տակ։ Նրա բռունցքները երկաթից էին, գլխին քարե գլխարկ ուներ, ոտքերն ու սրունքներն էլ պինդ էին ժայռի պես։ Ձեռքին ուներ պղնձե դաստակով ոսկե դանակ։

Դյուցազնը անվախ մոտեցավ ցուլին․ մի հարվածով դանակը խրեց նրա կոկորդը և հսկա կենդանին ինչպես հնձված ցողուն՝ թավալվեց գետնին։

Ամեհի ցուլի միսը հազիվ տեղավորվեց հարյուր ղազանում, հարյուր սաժեն երշիկ պատրաստեցին, վեց տակառ ճարպ հալեցին, յոթ տակառ էլ արյուն քամեցին։

Պոխյոլայի տիրուհին ասաց․

«Ի՜նչ հարսանիք, որ առատ գարեջուր չունենանք»։

Եվ սկսեց պատրաստել խմիչքը։ Գարեջուր պատրաստելու համար նախ ջուր էր հարկավոր։ Տիրուհին հրամայեց բերել մի կաթսա։ Ոչ շատ մեծ էր այդ կաթսան, ոչ էլ փոքր։ Իր ծառաներին հրամայեց ջրով լցնել կաթսան։

Աղբյուրները ցամաքեցին, ջրհորները դատարկվեցին, մինչև կաթսան պռնկե֊պռունկ լցվեց։

Ջուրը շատ էր, բայց միայն ջրով գարեջուր չես պատրաստի։ Պոխյոլայի տիրուհին կաթսայի մեջ գարու հատիկներ լցրեց, հետո արդեն թթխմոր ավելացրեց, որպեսզի լավ, համով գարեջուր պատրաստի։

Պետք էր նաև ուժեղ կրակ գարեջուրն եփելու համար։

Այնքան վառելափայտ կտրեցին, որ Պոխյոլայի անտառները ցանցառացան։ Ապա մի այնպիսի խարույկ թեժացրին, որ ծուխը մինչև երկինք բարձրացավ։

Հետո կաթսան կրակի վրա դրին և բերանը կափարիչով փակեցին, որ եփվի և անուշ գարեջուր ստացվի։

Երեք օր ու երեք գիշեր անցավ, բայց անուշ խմիչքը դեռ պատրաստ չէր, գարեջուրը դեռ չէր փրփրում։

«Էլի ի՞նչ գցենք կաթսայի մեջ, ― մտածեց պառավ Լոուխին։

Այստեղ պառավին օգնության հասավ Կալեվալայի չքնաղ դուստրը՝ Օսմոթարը։ Գետնին ընկած էր մի տաշեղ․ աղջիկը վերցրեց, դրեց ափի մեջ՝ շփեց և հանկարծ սենյակում սկսեց վազվզել մի փափկամորթ սկյուռ։

Աղջիկն ասաց․

«Անտառի ուրախ բնակիչ, շուտ վազ տուր, մտիր կանաչ պուրակը, բեր եղևնու կոն և սոճու տերևներ»։

Սկյուռը վազեց հասավ անտառ, հավաքեց եղևնու կոներ, մի կապոց էլ սոճու տերևներ և բերեց հանձնեց աղջկան։

Օսմոթարը կոները և սոճու թարմ, բուրումնավետ տերևները գցեց կաթսայի մեջ, բայց կաթսայում խմիչքը չփրփրեց, անուշ գարեջուր չստացվեց։

Շատ տեսակի ծաղիկներ գցեցին ամանի մեջ բայց էլի ապարդյուն։

Հանկարծ աղջիկը տեսավ գետնին ընկած մի մարխիկ, վերցրեց դրեց ափի մեջ, շփեց և ահա՛ սենյակում սկսեց վազվզել մի դեղին կզաքիս։

Օսմոթարն ասաց․

«Ոսկեղենիկ կզաքիս, ճարպիկ գազանիկ, շուտ վազիր հասիր անտառի խորքը, մտիր արջի որջը և հենց նրա երախից ինձ փրփուր բեր»։

Կզաքիսը վազեց ընդարձակ դաշտերով․ անցավ գետերը, բարձրացավ ժայռերը, ապա մտավ անտառի խորքը, այնտեղ ուր արջերն են ապրում։ Արջի մռութից փրփուր էր կաթում, կզաքիսն իր թաթիկներով բերեց փրփուրը և հանձնեց աղջկան։

Օսմաթորը արջի բերնից առնված փրփուրը լցրեց կաթսայի մեջ, բայց էլի ուզած գարեջուրը չստացվեց։

Օսմաթարը մտածեց․ «Էլ ի՞նչ ավելացնեմ, էլ ի՞նչ գցեմ կաթսայի մեջ, որ ստացվի փրփրուն, անուշ գարեջուր»։

Եվ ահա՛ Կալեվալայի չքնաղ դուստրը, այն, որի ձեռքերն այնքան քնքուշ են, այն աղջիկը, որ թեթև ոտնամաններ է հագել և քայլում է շատ արագ, այս անգամ գետնին ծառի կեղև տեսավ, վերցրեց ու ասաց․

«Տեսնենք սրանից ի՞նչ կստացվի»։

Օսմաթարը կեղևը տրորեց ձեռքի ափերի մեջ, ապա տրորեց երկու զիստերի վրա և ահա՛ օդում սկսեց թռչկոտել մի թավամազ մեղու։

Աղջիկն ասաց մեղվին․

«Ո՛վ դու արագաթռիչ մեղու, թռի՛ր այնտեղ, որտեղ կհրամայեմ ես, թռի՛ր հասիր կապույտ ծովի մեջտեղում գտնվող կղզին․ այնտեղ, բուրավետ ծաղիկների մեջ ննջում է մի աղջիկ։ Դու ամենաընտիր մեղրատու ծաղիկներից հավաքիր քաղցրիկ հյութը և բեր դիր իմ ափի մեջ»։

Արագաթռիչ մեղուն կարճ ճամփով կտրում֊անցնում է դաշտերը, թռչում է կապույտ ծովի վրայով, հասնում է կղզին։ Տեսնում է մի սիրունիկ աղջիկ ննջում է մեղրատու ծաղիկների մեջ։ Մեղուն իր թևիկների, իր կնճիթի վրա ծաղիկներից վերցնում է անուշիկ հյութը և բերում դնում է Օսմաթորի ափի մեջ։

Կալեվի դուստրը մեղրատու ծաղիկների հյութը գցում է կաթսայի մեջ։ Վերջապես հեղուկը սկսում է խմորվել, փրփրել և քիչ հետո արդեն կաթսայի պռունկներից սկսում է թափվել անուշիկ գարեջուրը։

Գարեջուրն իսկույն լցնում են կաղնյա տակառների մեջ, բերանը պինդ փակում են և դնում մութ նկուղում, որ հարսանիքի հանդեսին հրամցնեն հյուրերին։

Պոխյոլայի տիրուհին հրամայեց, որ սկսեն հարսանիքի համար կերակուրներ պատրաստել․ հարյուր ղազանի մսերն սկսեցին կամ խաշել, կամ մեծ թավաների մեջ տապակել։ Մի քանի ղազան էլ ձավարի շիլա դրին օջախների վրա։ Հացն էլ բաղա՛րճ֊բաղա՛րճ՝ կիտեցին բլուրների նման։

Եվ ահա՛ քիչ անց, մութ նկուղում դրված գարեջրի տակառներից լսվեց ֆշշոց․ մոտեցան․ գարեջուրը տակառում փրփրում, ֆշշում ու ձայն է տալիս․

«Չե՛մ ուզում մնալ մութ նկուղում․ այստեղ ես հարգ ու պատիվ չունեմ։ Իմ տեղն ուրախ սեղանի վրա պիտի լինի․ այնտեղ ես թասերի մեջ կշողշողամ, հյուրերը կգովեն֊կփառաբանեն ինձ և իմ պատվին երգեր կերգեն»։

Սկսեցին փնտրել երգչի, որ գովերգի ու փառաբանի գարեջուրը։ Եվ ահա՛ նկուղը բերին լոսդին, ապա գայլաձկին․ բայց ի՛նչ երգիչ դուրս կգա դրանցից։ Ո՛չ լոսդու, ոչ էլ գայլաձկան փորից ձայն չի լսվում։

Հետո գնացին բերին մի փոքրիկ տղայի։ Բայց կաթնակեր երեխայի ի՛նչ բանն է գարեջուր փառաբանելը։

Իսկ գարեջուրը բարկացել և ավելի ուժեղ է ֆշշացնում, քիչ է մնում տակառը տրաքեցնի և թափվի հատակին։

Վախեցավ պառավ Լոուխին․ կանչեց իր աղջկանը, ապա ծառաներին, ստրուկներին և հրամայեց․

«Գնացեք կանչեցեք, որ հյուրերը գան և սկսեն քեֆ անել։ Կանչեցեք բոլոր պոխյոլցիներին, կանչեցեք աղքատներին և թշվառներին, բոլոր կույրերին և տառապյալներին, կանչեցեք բոլոր կաղերին և հաշմանդամներին։ Կույրերին բերեք նավակներով, կաղերին ձիերով, հաշմանդամներին սահնակներով։

Հարսանիքի կանչեցեք Կալեվալայի որդիներին և ամենից առաջ ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենին․ թող նա երգի, որ ժողովուրդը լսի նրա իմաստուն երգերը, լսի և ուրախանա։ Միայն ո՛վ դու իմ դստրիկ, չգնաս այն կղզին, որտեղ ապրում է Կաուկոմեյլին և այդ խենթավուն Լեմմինկայնենին չկանչես հարսանիքի»։

Աղջիկն հարցրեց․

«Ինչո՞ւ չկանչեմ Լեմմինկայնենին»։

Լոուխին պատասխանեց․

«Նա տաքարյուն, անզուսպ տղա է։ Սիրում է վիճել և կռիվներ սարքել․ նա ծաղր ու ծանակի կենթարկի մեր սիրունիկ աղջիկներին․ այդ չար տղան մեր խնջույքը կխանգարի»։

Եվ աղջիկը, ծառաներն ու ստրուկները գնացին չորս կողմը և բոլորին, ում հանդիպեցին, կանչեցին հարսանիքի․ կանչեցին պոխյոլայից ու կալեվալայից, կանչեցին գյուղացիներին և վարձով աշխատողներին, կանչեցին կապա հագած կազակներին և արհեստավորներին։ Միայն չկանչեցին կղզեբնակ այն քաջ որսորդին, այն հմուտ ձկնորս Լեմմինկայնենին։

Ռունա ԻԱ

Փեսային և հարսին մեծ պատիվներ են անում։ Վեյնեմեյնենը երգում և շնորհակալություն է հայտնում հյուրասիրության համար

Պառավ Լոուխին ոտ ու ձեռ ընկած հսկում է, որ միսը լավ խաշեն, խորովածը հյութալի լինի, ձկները տեղը տեղին տապակվեն, կարկանդակներն էլ փափուկ ու համեղ լինեն։

Հանկարծ պառավն անսովոր աղմուկ է լսում․ նայում է ծովի կողմը, անտառի կողմը։

«Այս ովքե՞ր են գալիս սահնակներով ու նավակներով․ չլինի՞ թե թշնամու զորքն է խուժում իմ երկիրը»։

Մեկ էլ նայեց․ չէ՜, ոչ մի թշնամի էլ չկա։ Դրանք հարսանքավորներն են, որ փեսացուին մեջներն առած աղմուկով գալիս են։ Եվ պառավն ասաց․

«Իհարկե դա իմ փեսան է․ նա հազար մարդի մեջ էլ աչքի կընկնի, ոնց որ կաղնին է աչքի ընկնում անտառի ծառերի մեջ, ոնց որ լուսինն է աչքի ընկնում աստղազարդ երկնքում։ Նրա ձին սև է, քանց ագռավը, արագաթռիչ է, քանց արծիվը, հախուռն է, քանց քաղցած գայլը»։

Հյուրերն աղմուկով լցվեցին Պոխյոլայի տիրոջ բակը։ Լոուխին ասաց․

«Է՛յ դու, ստրուկներից ամենաուժեղը, շուտով իմ փեսայի ձեռքից վերցրու ձիու սանձը։ Ձին տար կապիր ախոռի ամենալավ տեղը, տակը փափուկ դարման լցրու և աղբյուրի ջրից տուր, որ խմի․ պղնձե տաշտակի մեջ ցորեն ու ընտիր գարի դիր ձիու առաջ։ Հետո մեջքն ու բաշը լավ թիմարիր, մեջքն էլ արծաթազօծ կտորով ծածկիր»։

Երբ մյուսների ձիերն էլ տեղավորեցին, հյուրերն իրար ետևից սկսեցին տուն մտնել։ Միայն փեսան՝ ճարտար դարբին Իլմարինենը չի շտապում տուն մտնել։ Պառավ Լոուխին դիմեց երիտասարդներին․

«է՛յ, ջահել հերոսներ, շո՛ւտ իմ փեսային տուն բերեք․ դռան վերևի գերանը բարձրացրեք, որ գլխարկը չդիպչի, շեմը ցածրացրեք, որ կրունկը չակռկի, դուռը կրնկահան արեք, որ փեսաս կարողանա ազատ տուն մտնել»։

Վերջապես փեսան տուն մտավ, նայեց չորս կողմը․ տան պատերն ու առաստաղը Կալեվալայի ամենալավ փայտերից էին պատրաստված, աթոռները մետաղներից էին սարքված, սեղանները ոսկեզօծ էին, իսկ հատակին մետաքսե կարպետներ էին փռած։ Վառարանը պղնձից էր ձուլված, օջախն էլ արդեն ամենադիմացկուն քարերից էր սարքված։

Փեսան այսպես խոսեց․

«Ով դու բարձրայլդ Ուկկո, թող քո աչքը հովանի լինի այս տան վրա, որ բոլորը ողջ, առողջ և ուրախ ապրեն»։

Տիրուհին ասաց․

«Դու էլ որ մեր հարկի տակ ես մտել, միշտ ողջ և առողջ, կայտառ և ուրախ լինես»։

Ապա տիրուհին կանչեց աղախնուն և ասաց․

«Կեչու կեղևը վառիր և բեր, որ լույսի տակ տեսնեմ՝ փեսացուիս աչքերը սև՞ են, ծավի՞, թե՞ չէ վուշի նման դեղնավուն են»։

Աղջիկը կեչու կեղևի ծայրը վառեց և բերեց, բայց կեչին պեծպլտում էր, ավելի շատ մուխ էր արձակում, քան բոց, դրա համար էլ ոչինչ չէր կարելի որոշել․ այն ժամանակ պառավն ասաց․

«Այս ինչ բան է, փեսայիս դեմքը ծխից սևացավ, գնա բեր մոմ, սպիտակ մոմ, որ պայծառ լույս արձակի, և ես լավ զննեմ փեսայիս դեմքը»։

Աղջիկը բերեց սպիտակ մոմ, վառեց և Լոուխին պայծառ լույսի տակ զննելով փեսայի դեմքն, ասաց․

«Հիմա արդեն տեսա, թե ինչպիսի աչքեր ունի իմ փեսան․ նրանք պայծառ են, ինչպես ծովի փրփուրը, խորն են ինչպես ծովի հատակը, պարզ են ինչպես գարնան ծաղիկը։ Դե՛, իմ փեսային նստեցրեք վերին գլուխը, որ բոլորը տեսնեն նրա դեմքը, որ բոլորը խնդան նրա արևով»։

Պոխյոլայի տիրուհին հարսանքավորներին շատ առատ հյուրասիրեց։ Սեղանին անպակաս էր ցուլի և խոզի մսից տապակոցն ու երշիկը, ընտիր տեսակի ձկնեղենն ու ամեն տեսակ խմորեղենը։ Ամենալավ պատառները փեսայի առաջը դրեց և գարեջուրն էլ երկուկանթանի թասով ամենից առաջ փեսային մատուցեց։

Շատ կերան֊խմեցին հյուրերը։ Բոլորն ուրախ, զվարթ ասում֊խոսում էի, բայց մի բան պակասում էր․ չէր լսվում երգի ձայնը, ոչ ոք չէր երգում։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը բարձրացրեց ոսկեգույն գարեջրով լի թասը և այսպես խոսեց․

«Գարեջուր, դու շատ ընտիր խմիչք ես, բայց չի կարելի քեզ խմել առանց երգի։ Այնպես արա, որ մարդկանց տրամադրությունն ավելի բարձրանա, և երգիչներն ուրախ երգեր երգեն։ Հապա ո՞վ է այն ոսկեբերանը, որ առաջինը կսկսի երգել։ Թող սկսի, որ ավելի ուրախ անցնի ժամանակը, ավելի փառավորվեն մեր հարսն ու փեսան»։

Գետնին մի երեխա էր նստած․ այսպես խոսեց նա․

«Ես թեև փոքր եմ և մարմնով թույլ, բայց ուզում եմ երգել․ չէ՞ որ մարմնով ուժեղ տղամարդիկ չեն ուզում երգել։ Թեև լղարիկ եմ և սրունքներս դեռ չեն պնդացել, բայց ես կերգեմ, որ երեկոն ավելի ուրախ անցնի և այս օրը միշտ հիշվի»։

Վառարանին մի ծերունի էր նստած․ այսպես խոսեց նա․

«Այս խնջույքին երեխան թող չերգի և անմիտ խոսքեր թող չթոթովի․ երեխայի երգերում շատ շինծու բաներ կան, աղջիկների երգերում միտք չկա։ Նրանք, ովքեր բազմել են աթոռներին, թող երգեն իմաստուն երգեր»։

Բայց ոչ ոք չի ուզում երգել։ Պոխյոլայի տիրուհի պառավ Լոուխին զարմացավ, ասաց․

«Գուցե ես վատ գարեջուր եմ պատրաստել, գուցե ես անուշ խմիչքի փոխարեն դառն խմիչք եմ լցրել թասերի մեջ։ Մի՞թե չկա մեկը, որ սկսի երգել․ աթոռները հո չեն երգի իրենց վրա նստած տղամարդկանց փոխարեն, լուսամուտի փեղկերը հո չեն երգի․ մի՞թե մեր հերոսների շրթունքներին սառել է երգը։ Հապա ո՞վ է, որ առաջինը կսկսի երգել մեր այս փառահեղ հանդեսում»։

Բայց էլի ոչ մեկը ձայն չի հանում․ ոչ ոք չի ուզում երգել։

Այն ժամանակ ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․

«Դե, քանի որ ձեր մեջ չգտնվեց մեկը, որ ինձ հետ երգի, մենակս կերգեմ․ ես ի ծնե երգիչ եմ, և կերգեմ այն, ինչ գիտեմ, ինչ սովորել եմ»։

Եվ ահա ծերուկ Վեյնեմեյնենը սկսեց երգել ուրախ երգեր․ հնչեց նրա հզոր֊իմաստուն խոսքը։

Շատ երգեր գիտեր Վեյնեմեյնենը, ավելի շատ, քան քարեր կան լեռներում, ավելի շատ, քան ծաղիկներ կան դաշտում։

Հարսանիքավորները հիացան նրա սրտալի֊իմաստուն երգերով։ Երգում է Վեյնեմեյնենը և անբերրի հողը պարարտանում է ու սկսում է աճել ոսկեհատ ցորենը, ծովափի ավազը դառնում է ընտիր հացահատիկ, ծովի ալիքներն էլ քաղցր մեղր են դառնում։

Ամեն ինչ կարող է անել ծերուկ Վեյնեմեյնենը իր իմաստուն երգերով․ ժեռ քարից կարող է փափուկ բաղարճ ստանալ, իսկ փափուկ ձյունից կոշտ աղ ստեղծել։

Խնջույքին հրավիրված բոլոր մարդիկ, թե ահել ու ջահել, թե տղա թե աղջիկ շատ ուրախացան Կալեվալայի դյուցազնի երգերով։

Եվ ծերունին այսպիսի խոսքերով ավարտեց իր երգը․

«Ով դու բարձրյալդ Ուկկո, օգնիր որ մարդիկ այստեղ միշտ ուրախ, երջանիկ և լիառատ ապրեն, ինչպես այս խնջույքի օրը։ Քանի ապրում են այս տան տերն ու տիրուհին, թող ամենայն օր ուրախ երգեր հնչեն այս հարկի տակ։ Ուկկո, առատ վարձատրիր այս մարդկանց աշխատանքը․ թող նրանց տունն ու ամբարները միշտ լիքը լինեն ամենայն բարիքներով․ թող նրանց ուռկանները միշտ առատ որսով լցվեն։ Ե՛վ եկող ամառը, և՛ հաջորդ տարին, թող ոչ ոք չզղջա, որ նստել է այս հարկի տակ և զվարճացել է, որ մասնակից է եղել այս խնջույքին»։

Ռունա ԻԲ

Աղջկան հիշեցնում են իր հայրական տանն անցկացրած օրերը և թե ինչ է սպասում նրան ամուսնու հարկի տակ

Հյուրերը կուշտ ու կռինչ կերան֊խմեցին և շատ զվարճացան այն մռայլ Պոխյոլայում։

Հարսանեկան հանդեսն իր վախճանին հասավ։ Ժամանակն էր, որ աղջիկը թողնի հորական օջախը և գնա նոր տունը՝ մտնի ամուսնու հարկի տակ։

Փեսան արդեն պատրաստել էր սահնակը, բայց Լոուխին ասաց նրան․

«Իմ ազիզ փեսա, մի շաբաթ սպասել ես, մի քիչ էլ սպասիր, դեռ պատրաստ չէ իմ աղջիկը տանից դուրս գալու․ մազերի կեսը հյուսել է, մյուս կեսը դեռ հյուսված չէ․ աջ ոտքի կոշիկը հագել է, ձախ ոտքինը դեռ չի հագել․ մեկ ձեռնոցն արդեն հագել է, մյուսը դեռ ոչ»։

Վերջապես աղջիկը հագնվեց֊զուգվեց։ Տիրուհին այսպիսի խոսքերով դիմեց աղջկան․

«Դուրս արի իմ չքնաղ, իմ ազիզ դուստր․ դե՛, աղջիկը ծախու ապրանք է․ փող ունեցողն էլ հո պատրաստ է գնել քեզ պես սիրունիկ թռչնակին։ Դու շատ էիր սիրում ոսկին ու արծաթը․ քեզ տված ընծան ընդունեցիր և մատիդ մատանի հագցրիր։ Դե, ժամանակն է, որ սահնակ նստես և ճամփա ընկնես։

Դու շատ ծանր ու թեթև չարիր և իսկույն համաձայնվեցիր ամուսնանալ։ Շատ արցունք կթափես, որ հորական տունը թողնում ես, հեռանում ես քո սիրելի մայրիկից և օտար հարկի տակ ես մտնում։

Դու հանգիստ֊անդարդ ապրում էիր հորդ տանը։ Փթթում էիր, ոնց որ ծաղիկը դաշտում, դեռ անկողից չելած կարագն ու կաթը պատրաստ էր քեզ համար։ Հացն էլ արդեն մաքուր ու սպիտակ․ թե կարագն ու կաթը չուտեիր, խոզի միսը հո կար ու կար։

Ոչ մի հոգս չունեիր, հրճվում էիր նոճիներով և կեչիներով։ Թիթեռի նման ուրախ թռվռում էիր մեր դաշտերում և պուրակներում։ Իսկ հիմա հեռանում ես քո հարազատ տնից, գնում ես օտար հարկի տակ․ մի անծանոթ ընտանիք ես մտնում։ Այնտեղ ամեն ինչ ուրիշ տեսակ է լինելու․ նրանց դուռն ու լուսամուտը թե նրանց ուզած ձևով չփակես ու բացես՝ վրադ կփնթփնթան․ նրանց ուզածի պես չես կարող վառարանը վառել․ ինչ էլ անես, քաղցր խոսք չես լսի, էլ առաջվա պես չես կարողանա ուրախանալ․ կուշտ փորով հաց էլ չես ուտի։ Դու, սիրունիկ աղջիկս, հենց գիտեիր, թե կերթաս մի գիշեր կմնաս և կվերադառնաս․ այդպես չէ, դստրիկս, դու ոչ թե մեկ գիշերով, մեկ ամսով կամ մեկ տարով ես գնում, այլ ամբողջ կյանքդ անց ես կացնելու ամուսնուդ տանը՝ հորիցդ հեռու և մորդ կորուստը քաշելով»։

Աղջիկը ծանր հոգոց հանեց և ասաց․

«Քանի դեռատի աղջիկ էի, միտք էի անում, թե դեռ փոքր եմ, հորս֊մորս խնամքի տակ եմ՝ ինձ բանի տեղ չեն դնում, բայց հենց որ մարդու գնամ, հենց որ մի ոտքս սահնակում լինի, մյուս ոտքս դնեմ ամուսնուս շեմին՝ ինձ կմեծարեն, պատիվս ավելի շատ կլինի։ Ահա՛, թե ինչ բաներ էին անցնում մտքովս, բայց այժմ, երբ իղձս կատարվեց, երբ արդեն շուտով ոտքս դնելու եմ ամուսնուս սահնակին, խելքիս չի հասնում, թե ինչպես եղավ, որ ամեն ինչի մասին սկսում եմ ուրիշ տեսակ մտածել։ Սիրտս ուրախ չէ, որ թողնում եմ իմ շեմը, այն հարազատ շեմը, որտեղ անցել է իմ մատաղ կյանքը։ Գնում եմ դառն մտածումներով, ոնց որ մարդ մոտենա գետին ու սկսի քայլել գարնան բարակ և սայթաքուն սառույցի վրայով։ Մտքերս շատ են պղտորվել և մռայլ են, ինչպես աշնանային ամպամած երկինքը»։

Աղջկա խոսքերը լսեց նաև տան ծառան, այն պառավ կինը և ասաց․

«Դու հորական տանից գնում ես և տառապանքն անբաժան կլինի քեզանից․ այնտեղ արդեն քո ոտքերի համար պատրաստ են շղթաներ։ Շուտով կտեսնես, թե ինչ կոպիտ կխոսի քեզ հետ կեսրայրդ, սկեսուրդ էլ հա կփնթփնթա․ տեքորդ խոսքերը հո մի ղազան մեղրով չի ուտվի, իսկ տալդ երեսը շուռ կտա քեզանից։ Ամուսինդ էլ նորապսակ օրերի նման քո ամեն խոսքին մտիկ չի տա․ նրանից փաղաքշական խոսք չես լսի․ ինչքան էլ նա տեսքով լավն է, միևնույն է, նա քեզ իր հարազատների կշտամբանքից չի պաշտպանի։ Քո հոր տանը դու անհոգ ծաղիկ էիր․ մայրդ քեզ կոչում էր՝ արև, հայրդ՝ լուսին․ զուլալ աղբյուր էր քեզ անվանում եղբայրդ, քույրդ՝ աղավնյակ։ Հորդ տանը դու թագուհի էիր՝ առանց թագի։ Իսկ ամուսնու տանը կինը՝ ոնց որ գերի։ Գիշեր֊ցերեկ կաշխատի և չեն թողնի, որ գոնե կուշտ քնի֊հանգստանա։ Լաց աղջիկս, լա՛ց, թող սիրտդ թեթևանա, որ դիմանաս գալիք փորձություններին»։

Աղջիկը խոր հոգոց հանեց և դառը֊դառը լացեց․ արցունքի հեղեղ թափվեց աչքերից․

«Իմ հարազատ հայրիկ ու մայրիկ, դու ալեզարդ պառավ, այս ո՞ւր եք ուղարկում ինձ, թշվառիս, ինչո՞ւ այսքան հոգս ու ցավ եք դնում իմ ուսերին»։

Այդ ժամանակ խոսեց այն երեխան, որ նստած էր հատակին․

«Մի լար, ով դու չքնաղ աղջիկ, հոգսերդ տուր ձիուն, նրա թիկունքն ուժեղ է և ամեն տեսակ բեռ կտանի։ Նայիր աջ կողմդ, տե՛ս, սարի պես ամուսինդ է կանգնած մեջքիդ։ Քամուն տուր վատ մտքերդ․ դու գնում ես երջանիկ կյանքով ապրելու։ Քո ամուսինն ամենաուժեղ և հմուտն է բոլոր տղամարդկանց մեջ։ Նրա նետը միշտ նպատակին է խփում, նրա հմուտ ձեռքերն ամեն ինչի ընդունակ են։ Նա բազմաթիվ նախիրներ ունի, որ արածում են Կալեվալայի անտառներում և արոտներում։ Նրա դաշտերի բերքն առատ է․ ինչքան ուզես ցորեն և գարի ունի։ Փողն էլ հո շեղջ֊շեղջ․ պֆենինգներին էլ հո հաշիվ չկա»։

Ռունա ԻԳ

Նորահարսին խրատում են, թե նա ինչպես պիտի պահի իրեն ամուսնու տանը։ Մի պառավ կին իր կյանքի ողբերգությունն է պատմում

Հարսանիքի հյուր, Կալեվալայի չքնաղ դուստր Օսմոթարը մտածեց․ «Նորահարսին պետք է բարի խորհուրդներ տալ, որ նա կարողանա ուրախ կյանքով ապրել ամուսնու տանը և սկեսուրից ոչ թե կշտամբանք, այլ գովասանք լսի»։

Այսպիսի խոսքերով նա դիմեց հարսին․

«Դու նոր փթթած ծաղիկ, լսիր իմ խոսքերը և ականջիդ օղ արա։ Դու թողնում ես քո հայրական շքեղ տունը և մտնում ես ուրիշի հարկի տակ։ Այնտեղ ամեն ինչ քո ուզածի նման չի լինի, դրա համար էլ ինչ ուզում ես վերցրու քո հայրական տնից, միայն մի քանի բան թող այստեղ մնա։

Այստեղ թո՛ղ քո երազանքները, հանձնիր այն այստեղի աղջիկներին․ երգերդ թող մնան ձեր տանը, չարաճճիություններդ մի կողմ շպրտիր, ծուլությունից բոլորովին ձեռք քաշիր։ Հին սովորություններդ մոռացիր և նոր բաներ սովորիր։ Խոնարհ ու հնազանդ եղիր, որ քեզ գուրգուրի կեսրայրդ, որ քեզ փայփայի սկեսուրդ, խաթրդ պահի տեքրդ, և սրտով սիրի տալդ։

Քանի ապրում ես, քանի երկնքում շողում է լուսինը, ապրիր մաքուր վարք ու բարքով։ Ամուսինը միշտ սիրում ու գնահատում է, երբ կինը տեղը տեղին կառավարում է տունը․ շատ է ուրախանում, երբ ամեն օր կնոջ վարվեցողության մեջ նոր արժանիքներ է տեսնում։

Թեկուզ ծերուկ կեսրայրդ գայլի պես վայրենի լինի, սկեսուրդ մրթմրթան արջ, թեկուզ տեքրդ օձի նման ֆշշա, տալդ էլ հա վրադ ճղճղա, նրանց պատվիր ու հարգիր, ինչպես հարգում էիր սիրելի հորդ և հարազատ մորդ։

Աշխատիր որ խելքդ կտրուկ, միտքդ պայծառ լինի։ Թող աչքդ ամենատես լինի․ նույնիսկ երեկոները թե լույս չի վառվում տանը, թող աչքդ մթան մեջ էլ տեսնի, որ ամեն գործի հասնես։ Ականջդ թող սուր լինի․ լուսադեմին հենց որ աքլորը մեկ անգամ կանչեց, էլ չսպասես, որ երկրորդ անգամ կանչի․ տեղիցդ վեր կաց ու գործի անցիր, թող ծերուկն ու պառավը իրենց համար հանգիստ քնեն։

Թե որ աքլորը չկանչի, թող լուսինն ու Մեծ արջը քեզ համար նշան լինեն, որ լուսադեմին ելնես փափուկ անկողնից, ամուսնուդ տաք գիրկը թողնես և տան գործն սկսես։ Թե անթեղված կրակը չգտնես՝ նոր միայն զարթնեցրու ամուսնուդ, որ նա կայծքարով վառի տաշեղի ծայրը․ դու տաշեղի լուսով շտապիր գոմն և անասուններին կերակրիր։

Առաջ կովերին տուր կերը, հետո ոչխարներին․ ընտիր խոտ ու գարի դիր ձիերի առաջ․ խոզերի ուտելիքն էլ տաշտերի մեջ լցրու։

Չլինի թե քունդ տանի և գոմում քնես․ հենց որ անասուններին կերակրեցիր, վազիր դեպի սենյակը, չէ՞ որ արդեն երեխան զարթնեց ու լաց է լինում, նրան հագցրու և կերակրիր։

Հետո դույլը վերցրու, ավելն էլ թևիդ տակը և տունն ու բակը մաքրիր։ Թե տալիդ երեխան լաց է լինում, նրան նստացրու թախտին, աչքերը սրբիր, գլուխը շոյիր և կարագը քսիր հացին ու տուր երեխայի ձեռքը։

Հետո արդեն տան պատերն ու օճորքը փոշուց ու մրից մաքրիր։ Այս էլ իմացի՛ր, գլխիդ լաչակը, շորերդ ու կոշիկներդ միշտ մաքուր լինեն։ Եթե շենք ու շնորհքով չերևաս, այդ չի դուր գա ամուսնուդ և քո սիրելին էլ կսկսի քեզ վրա փնթփնթալ։

Մկան նման թող սուր լինի քո լսողությունը․ ոտքերդ էլ արագավազ՝ նապաստակի նման։ Մեկ էլ տեսար դաշտից վերադարձավ տեքրդ, անտառից տալդ, ամուսինդ էլ հունձ է արել և բեզարած տուն է եկել ― անմիջապես մեծ թասով ջուր լցրու նրանց ձեռքերին և քաղցր խոսքերով նրանց սիրտն առ։

Թե որ սկեսուրդ տուն գա այլուրի պարկը մեջքին, անմիջապես ընդառաջ վազիր, գլուխդ խոնարհիր և պարկն ուսիդ առած՝ տար դիր հացատունը։

Թե որ չիմանաս ինչ գործ սկսես, սկեսրոջդ հարցրու․

«Ախ, իմ հարազատ սկեսուր, ասա, հիմա ի՞նչ գործ անեմ»;

Սկեսուրդ քեզ կպատասխանի․

«Ահա՛, թե ինչ պիտի անես հիմա։ Ալյուրը լից տաշտը և խմոր հունցիր, հետո վառարանը ջեռացրու, փափուկ կարկանդակներ եփիր, հետո արդեն բոլոր ամանները լվա և կարգին֊սարքին դասավորրիր»։

Դու անմիջապես սկսիր սկեսրոջդ պատվերը կատարել։ Աշխատանքդ ինչքան էլ ծանր լինի՝ չտնքաս, հոգոց չհանես, որ սկեսուրդ չմտածի, թե զայրանում ես, որ հանգիստ չունես և տան բոլոր հոգսը քեզ վրա է ընկած։

Թե որ ջուրը պակաս է, անմիջապես դույլերը վերցրու և աղբյուրը ջրի գնա։ Շատ մի մնա այնտեղ, որ սկեսուրդ կամ սկեսրայրդ չմտածեն թե աղբյուրի ջրի մեջ ես նայել, հիացել քո սիրունիկ երեսհարքով և ջուրն ուշ ես տուն հասցրել։

Թե որ գնաս ցախ բերելու, ցախի կտորտանքը դես֊դեն մի շպրտիր․ ցախն էլ որ տուն բերիր, մի շպրտիր գետնին, որ աղմուկ չլինի, թե չէ սկեսուրդ և սկեսրայրդ կմտածեն՝ զայրացել ես, որ հանգիստ չունես և ծանր գործերը միշտ քեզ վրա են դնում։

Թե որ սկեսուրդ ուզենա լողանալ, բաղնիքը լավ տաքացրու, այնպես որ ծուխ ու մուր չլինի․ ինքդ էլ շատ չմնաս բաղնիքում, որ սկեսուրդ չասի, թե նստել բաղնիքի նստարանին հանգստացել ես։ Հենց որ ջուրը եռա, գնա սկեսրոջդ մոտ և ասա․

«Ա՛խ, դու իմ սիրելի սկեսուր, բաղնիսը տաքացրել եմ, ջուրն էլ եռացրել, դափնու ճղերից ավելն էլ պատրաստ է։ Արի լողացի ինչքան կուզես․ ես էլ գլխիդ կկանգնեմ, որ ջուր լցնեմ ուզածիդ չափ։

Հետո արդեն տնեցիների համար զգեստներ կկարես, որին կապա, որին շապիկ, որին գլխարկ։

Եթե հյուրեր գան, սիրալիր ընդունիր նրանց, համով ճաշեր ու թխվածքներ պատրաստիր։ Հյուրերին ճամփու դնելիս նրանց մինչև բակը ուղեկցիր և շուտ տուն վերադարձիր, որ ամուսինդ չսրտնեղի։

Թե որ ուզենաս գյուղամեջ գնալ, անպայման խնդրիր սկեսրոջդ թույլտվությունը։ Եվ ում էլ հանդիպես գյուղում, խելքդ ու շնորհքդ ցույց տուր, ավելորդ բաներ չխոսես, սկեսրոջդ չփնովես։ Գյուղի հարսներն ու կանայք կարող են հարցնել, թե՝ «սկեսուրդ քեզ կարագ տվե՞լ է որ ուտես, ինչպես հարազատ մայրդ էր ուզածդ ժամանակը տալիս»։ Չլինի թե վերցնես ու ասես․ «Չէ՛, ես կարագի երես չեմ տեսել»․ ասա, «Միշտ էլ ինձ գդալով կարագ է տալիս, թեև մի անգամ ամռանն ես կարագ կերել, այն էլ անցյալ տարվանից մնացածը։

Այս վերջին խրատս էլ լսիր, չքնաղ աղջիկ։ Ահա՛, դու արդեն հեռանում ես հորական տանից և գնում ես ուրիշի հարկի տակ։ Հարազատ մորդ չմոռանաս և նրան չզայրացնես։ Չէ՞ որ նա իր կյանքը քեզ համար է մաշել, իր կաթով քեզ կերակրել֊մեծացրել է, քեզ համար գիշերները չի քնել, իր բերնից կտրել, քե՛զ լավ պատառները տվել։

Ով իր հարազատ մորը մոռանա կամ նրան զայրացնի, նա այլն աշխարհում էլ հանգիստ չի ունենա։ Ստորջրյա Տուոնելիի աշխարհում Մանալի աղջիկը նրան կասի․

«Ինչպե՞ս եղավ, որ դու հարազատ մորդ մոռացար և նրան զայրացրիր։ Չէ՞ որ նա քեզ համար շատ է տանջվել․․․ ա՜յ դրա համար էլ դու այստեղ կտանջվես»։

Գետնին, կարպետի վրա նստած պառավ կինն այսպիսի խոսքերով դիմեց նորահարսին․

«Աքլորն էլ երգում է իր սիրած հավի համար, գարնանը ագռավն էլ է սիրո երգեր երգում․ չէ՞ որ նրանք իրենց թառի կամ ծառի վրա, իրենց ուզածի նման են ապրում։ Իսկ ես ոչ տուն ունեմ, ոչ գանձ, ամբողջ ժամանակ ապրում եմ՝ չիմանալով ինչ բան է ամուսնական սերը։

Հիմա դու, սիրելի աղջիկ, գնում ես հորական տանից, այս բանը լավ իմացիր, ամուսնուդ բոլոր քմահաճույքներին մի ենթարկվիր, ինչպես ես ենթարկվեցի և ամբողջ կյանքումս անբախտացա։ Ես էլ քեզ նման ծաղկափթիթ, բոյով֊բուսով աղջիկ էի։ Բոլորն ասում էին, ինձ նման գանձ չկա մեր աշխարհում․ հայրս ինձ թռչնակ էր կոչում, մայրս աղավնյակ, եղբորս համար ազիզ քույր էի, քրոջս համար՝ աշխարհի ամենաթանկ բանը։ Ուրախ ու զվարթ շրջում էի մեր դաշտերում ու բլուրներում և երգում էի անհոգ թռչնակի պես։

Հենց որ հարս գնացի, ամուսնուս համար հլու֊հնազանդ կին դարձա, սկեսրոջս ձեռքին էլ ոնց որ ստրկուհի։

Բայց քանի դեռ հարս չէի գնացել, ինձ ասում էին, թե ամուսնուս տունը վեց սենյակից է, այն էլ ընտիր փայտից շինված, ամբարները լիքն են ամենայն բարիքով, արտերն էլ հո ամեն տարի ցորենի, գարու, վարսակի առատ բերք են տալիս։ Քսակն էլ լիքն է փողով և մյուս տարի մեկ քսակի փոխարեն երկուսը կունենա։

Եվ ես, հիմարս, հավատացի ու մարդու գնացի։ Վեց սենյակի փոխարեն տեսա վեցը գերան, որոնք հենել էին դրսի պատերին և հազիվ էին պահում խարխլված տունը։ ― Ամբարներից մեկը դատարկ էր, մյուսում եղածն էլ՝ փթած ապրանք։ Այդ ամենի հետ՝ հարյուր տեսակ կշտամբանք լսեցի, դեռ հարյուրն էլ պիտի լսեի։

Ի՛նչ անեի, դրան էլ համաձայն էի, միայն թե նամուսով ապրեի, բայց ամեն կողմից չար ու ծուռ հայացքներ էին ուղղված ինձ վրա․ սկեսուրս, որ խոսում էր, կարծես թե օձն էր ֆշշում, ամուսնուս բերնից էլ մի փաղաքշող խոսք չլսեցի։

Դրա հետ էլ հաշտվեցի, ուզում էի մի կերպ գլուխս պահել․ լուսադեմից մինչև իրիկուն, հեզ ու խոնարհ աշխատում էի, բայց էլի հարգ ու պատիվ չունեի։

Տանջանքով ցորենն էի աղում, փափուկ հաց թխում, որ սկեսուրս հեշտությամբ ծամի։ Կերակուրը նրան ոսկեզօծ ամանով էի մատուցում, իսկ ես քարթու հաց էի ուտում, էն էլ մի անկյուն քաշված․ ջարդված թասն էր իմ կերակրի ամանը, կոտրած գդալով էլ մի կերպ լխպոր սպասը բերանս էի տանում։

Ձուկ էի որսում և հենց գետափին մի փոքրիկ ձուկ էի ուտում, որովհետև լավ, ընտիր ձկները տուն էի բերում, եփում֊հրամցնում տնեցիներին․ չեղավ մի օր, որ սկեսուրս իմ որսած լավ ձկնից ինձ բաժին հանի։

Ամառը քաղ էի անում, ձմեռը գոմաղբն էի տանից դուրս տանում։ Աշխատում էի ոնց որ ստրուկը՝ միշտ ծանր բեռը մեջքիս։ Ոչ ոք չէր մտահոգվում, թե ես թույլ կին եմ, կարող եմ հոգնել․ չէ՞ որ հերոսներն էլ են հոգնում, ձիերի ուժն անգամ պակասում է։

Այսպես թշվառս արյուն֊քրտինք մտած ամեն գործ անում էի։ Երբ ուզում էի քիչ հանգստանալ, մել էլ հրաման․ թե վառարանը վառիր։ Նորից թեժ կրակի դիմաց տառապում էի։

Թե մեկ֊մեկ էլ ուրախանում էի, սկսում էին բամբասել, իմ անբիծ անունը, մաքուր վարքս վատաբանում էին․ այն էլ այնպիսի խոսքերով, որ մարդու ականջ էր ծակում։

Չնայած այդ ամենին, էլի չէի հուսահատվում․ արդեն այդպես էլ մի կերպ կապրեի․ կօգնեի պառավ սկեսրոջս։ Բայց եղավ մի բան, որ էլ սիրտս ու հոգիս չդիմացան․ մեծ դարդի մեջ ընկա ― ամուսինս գայլի նման դաժան ու արջի նման կոպիտ դարձավ․ էլ երեսիս չէր նայում․ իր համար ուտում֊խմում էր․ քեֆն ուզած գործն էր անում կամ ման գալիս առանց ինձ բանի տեղ դնելու։

Ես սկսեցի լաց լինել․ տան մի անկյունում կուչ եկած իմ բախտն էի անիծում և այսպիսի խոսքերով երգ երգեցի։

«Իմ հարազատ մայր, քո աչքի լույսի պես խնամեցիր֊մեծացրիր քո աղջկան․ մեծացրիր, բայց հետո չկարողացար պահել֊պահպանել։ Քո ազիզ աղջիկն հիմա այն վիճակի մեջ է, ինչպես թե դալար ճյուղը տնկես անմշակ հողի մեջ․ ո՛չ ջուր կա, ո՛չ արև․ երեկվա դալար ճյուղն այսօր չոր ծնոտ է դարձել։

Չէ՞ որ ես արժանի էի ավելի լավ բախտի, ավելի շեն տան էի արժանի։ Չէ՞ որ պետք էր իմ հարգն իմացող ամուսին ունենայի, որ ինձ կյանքի ընկեր լիներ․ ի՞նչ է իմ վիճակը․ ագռավի ճանկ եմ ընկել, և նա շորերս բզիկ֊բզիկ է արել ինձ վրա, արջի որջ եմ ընկել և ահ ու դողով քաշ եմ տալիս սև օրս։

Թե այս տեսակ վայրենի ամուսնու ձեռքը պիտի ընկնեի, ավելի լավ էր անտառը գնայի, եղևնու բունը վերցնեի՝ կոճղը կպցնեի վրան իբրև դեմք, մորուքը փշերից սարքեի, գլուխը կավից, աչքերի տեղն ածուխ խցկեի, կոներից ականջներ սարքեի, ծառերի հաստ ճղերից էլ ոտքեր սարքեի»։

Դու մի ասի, ամուսինս պատի ետևում կանգնած լսել է երգս։ Մեկ էլ սենյակը մտավ․ մազերը ցցվել են, ոչ թե քամուց, այլ կատաղությունից, ատամները կրճտացրեց, աչքերը խոլորեց, ձեռքին էլ արդեն մի մեծ մահակ։ Աչքս չէի թարթել, որ մահակն իջավ գլխիս։

Աչքերս մթագնեցին։ Բայց վախենում եմ բարձր ձայնով ողբալ իմ ցավը։

Գիշերը վրա հասավ․ ամուսինս վերցրեց մտրակը, դրեց բարձի մոտ, ինքն էլ պառկեց քնելու։ Ո՞ւմ համար էր մտրակը․ իհարկե ի՛նձ, թշվառիս համար։ Բայց ի՞նչ կարող էի անել․ էլի հլու հնազանդ գնացի պառկեցի նրա կողքը, որ քիչ քնեմ հանգստանամ։ Անկողին մտա֊չմտա՝ ամուսինս սկսեց բռունցքներով խփել մեջքիս ու գլխիս, հետո էլ մտրակը վերցրեց ու տո՛ւր թե կտաս․ ողջ մարմինս ցավից կսկծաց։

Մի կերպ դուրս փախա ամուսնուս սառը անկողնից․ բայց նա ետևիցս հասավ, բռնեց մազերիցս, այնպես պինդ քաշեց, որ մի մեծ փունջ պոկեց և քամուն տվեց։

Մնացի պատի տակ․ ցուրտն էլ ավելացավ ծեծված մարմնիս․ դողում եմ։ Ասում եմ քիչ էլ դիմանամ, գուցե մարդուս կատաղությունն անցնի։ Բան չունե՛ս․ էլ ինձ վրա դուռ բաց անող չկա։ Էլ ճար չկար․ թողեցի ամուսնուս տունն ու տեղը և ճամփա ընկա, անցա դաշտերով ու ճահիճներով և վերջապես հասա հայրական երկիրս։ Մոտ էր արդեն եղբորս տունը։ Հանկարծ եղևնին, սոճին և նրանց կատարին թառած ագռավները ձայն տվին․

«Իզո՛ւր ես եկել, քեզ հարազատ մարդ չկա այստեղ»։

Ես ուշ չդարձրի այդ ձայներին և մտա եղբորս տան բակը։ Ցանկապատներն ինձ ասին․

«Դու որ վերադարձել ես հորական տունդ, չգիտե՞ս, որ հայրդ վաղուց է մահացել, մայրդ էլ մի քանի տարի առաջ այն աշխարհը գնաց․ եղբայրդ արդեն քեզ խորթացել է, նրա կնիկն էլ հո աչքով աչք չունի, որ տեսնի քեզ»։

Դրան էլ ես ուշ չդարձրի․ ուղղակի ձեռքս տարա և եբղորս սենյակը տանող սառն բռնակը շուռ տալով, ներս մտա։ Մտա և դռան մեջ կանգնեցի։ Եղբորս կինն այնքան գոռոզ էր, որ չմոտեցավ ձեռ չտվեց, իսկի մի բարև էլ չտվեց։ Ես էլ պակաս հպարտ չէի, ես էլ ոչ ձեռ տվի, ոչ էլ բարևեցի։ Ձեռքս տարա վառարանին՝ սառն էր։

Տեսա եղբայրս ձգված է թախտին, մեջքին ու գլխին մի սաժեն կեղտ ու մուր է։ Եվ եղբայրս, ինչպես օտար անցորդին են հարց տալիս, այդպես էլ ինձ հարցրեց․

«Դու ծովի այն կողմի՞ց ես եկել․ ո՞ւր ես գնում»։

Ես պատասխանեցի․

«Ի՛նչ է, հարազատ քրոջդ չե՞ս ճանաչում․ չէ՞ որ մեզ մի մայր է ծնել, մի թռչունի ձագերն ենք և մի բնում ենք մեծացել»։

Եղբայրս իր սիրելի կնոջ ականջին փսփսաց․

«Իմ քրոջ համար ուտելիք բեր»։

Կինը թարս նայեց և գնաց մի աման ջրալի կերակուր բերեց․ բայց ի՜նչ կերակուր․ երեսի յուղը կատուն էր լպստել, շունն էլ մնացածը լակել, տակը բան չէր թողել։

Եղբայրս իր սիրելի կնոջ ականջին նորից փսփսաց․

«Մեր հյուրի համար գարեջուր բեր»։

Կինը թարս նայեց և գնաց մի աման ջուր բերեց, բայց ի՜նչ ջուր․ պղտոր ու անպետք, հարսն այդ ջրով երեսն ու ձեռքերն էր լվացել։

Ես սրտի մռմուռով թողի եղբորս տունն և հեռացա․ սկսեցի թափառել գյուղե֊գյուղ, ինձ անծանոթ մարդկանց դռները թակել։ Ախր երեխաներս էլ հետս էին, իմ թշվառ բալիկներն էլ ինձ նման տանջվում էին։

Բայց շատ֊շատերը անարգում էին ինձ ու տան շեմից վռնդում։ Մեկ֊մեկ էլ, շատ հազվադեպ, պատահում էին ազնիվ մարդիկ, որոնք մի բարի խոսք էին ասում, տուն էին թողնում, վառարանի մոտ տաքացնում, մի կտոր հաց, մի աման ապուր տալիս և մի տաք զգեստ, որ ձմեռվա ցրտին չսառչենք։

Քանի թռվռուն աղջիկ էի, երբեք մտքովս չէր անցնում, և եթե հազար մարդ էլ ասեր, նրանցից ոչ մեկին չէի հավատա, թե ես ամուսնանալով այդպիսի դժբախտ վիճակի մեջ կընկնեմ, այդպիսի ծանր դարդի տեր կդառնամ և կյանքս տառապանք կդառնա ինձ համար»։

Ռունա ԻԴ

Նորափեսային խրատում են, որ լավ վարվի նորահարսի հետ։ Իլմարինենը կնոջը նստեցնում է սահնակ և երրորդ օրը տուն են հասնում

Շատ խրատներ տվեց Օսմոթարն աղջկան, ապա դարձավ փեսացուին և այսպես խոսեց․

«Եղբայր իմ, դու քո մոր որդիներից ամենալավն ես, լսի՛ր իմ խորհուրդը, ականջ դիր, թե ինչ կասեմ այս անուշ թռչնակի, այս աղջկա մասին, որ շուտով քո հարկի տակ է մտնելու։

Փառք տուր Աստծուն, որ այսպես լավ դաստիարակված աղջիկ է քեզ պարգևել։ Մաքուր, գեղեցիկ, գործիմաց աղջիկ է քո կյանքի ընկերը։ Նա կարող է հնձել, աղուն աղալ, հյուսվածքներ գործել, իսկ լվացքն այնպես կանի, որ քաթանները սպիտակ ձյունի պես սպիտակ կերևան։

Երբ որ քո կինն սկսի հյուսվածքներ անել և հարևան հարսները տեսնեն, հիանան նրա հյուսվածքներով, կհարցնեն․ «Այս աղջիկն ի՞նչ տոհմի զավակ է, որ այսպես նուրբ բաներ է հյուսում»․ դու պիտի պատասխանես՝ «Իմ հարսնացուն լուսնի և արևի դուստրն է, Մեծ Արջ աստղն է նրան շնորհներ պարգևել»։

Դե, շուտով դու կնոջդ հետ ճամփա ես ընկնում, այնպես քշիր սահնակը, որ փոսերի կամ արգելքների չհանդիպես, որ աղջիկն հանկարծ սահնակից վայր չընկնի և նրա քնքուշ մարմնի ոչ մի տեղը չցավի։

Երբ արդեն քո հարկի տակը կլինեք, չթողնես, որ քո թանկագին ընկերը տխրի և մութ անկյուններում կուչ գա․ չէ՞ որ նա իր հոր տանը երբեք մութ անկյուններ չի նստել․ նրա տեղը լուսամուտի դիմացն էր․ ցերեկը մայրն էր հրճվում իր աղջկանով, երեկոները հայրն էր մխիթարվում նրա երգերով։

Քո հարսնացուին դաշտը տար այն ժամանակ, երբ ցորենի և գարու առատ բերք ես հավաքել․ թող աղջիկն ընտիր ցորենի ալյուրից հաց թխի և գարուց էլ անուշ գարեջուր պատրաստի։

Սիրելի փեսա, այս ոսկեղենիկ թռչնակին փայփայիր, որ չլինի թե տխրի և լաց լինի։ Հենց որ տեսնես շատ է տխրում, սահնակիդ լծիր ամենալավ ձին և աղջկանը բեր հորանց տուն, որ հոր, մոր և հարազատների կարոտն առնի։

Չլինի թե այս սիրունիկ թռչնակին նեղացնես և բանացնես այնպես, ինչպես ստրուկին կամ վարձած մարդուն են բանեցնում։ Չլինի թե ամբարի կամ պահեստի դուռը փակեք նրա առաջ։ Հոր տանը նրա առաջ ամեն ինչ բաց էր և ամեն տեսակ ուտելիք՝ ձու, կաթ, թե մսեղեն պակաս չէր աղջկա համար։

Սիրելի փեսա, թե դու աղջկա հետ սիրալիր վարվես, քո պատիվդ էլ շատ կլինի։ Երբ ուզենաս զոքանչիդ կամ աներոջդ տեսության գնալ՝ քեզ շատ սիրով կընդունեն, համեղ պատառներով կկերակրեն, անուշ խմիչք կխմացնեն, ձիուդ ախոռը կտանեն և առատ խոտ ու գարի կլցնեն մսուրը։

Չլինի, թե ով փեսա, մտքովդ անցնի աղջկան մտրակով խփել, որ նա կծկվի մի անկյունում և դառն լաց լինի, ինչպես ստրուկին են ծեծում և լացացնում․ չէ՞ որ հայրական տանը ոչ մեկի մտքով չի անցել աղջկա խաթրին կպչել, ուր մնաց, թե մտրակով խփել․ հոր տանն աղջիկը երբեք չի կծկվել մութ անկյունում ու լաց չի եղել։

Սարի պես կանգնած եղիր կնոջդ մեջքին, որ սկսեսուրը սիրտ չանի նրան խփել, որ սկեսրայրը չգոռգոռա վրան։ Թե հյուր եկած մարդիկ կամ հարևանները բամբասեն կնոջդ և քեզ ստիպեն, թե ծեծիր կնոջդ, երբեք այդպիսի բան չանես, և բնավ ձեռք չբարձրացնես այս քնքուշ թռչնակի վրա, չէ՞ որ երեք տարի դու այս աղջկա կարոտով էիր վառվում, որ հետն ամուսնանաս։

Քո սիրունիկ կնոջը, որ ոսկե խնձորի նման չքնաղ է, դու բարի խորհուրդներ տուր և խրատիր, թե՛ այն ժամանակ, երբ մի բարձի վրա եք պառկած, և թե՛ այն պահին, երբ ուզում ես գործի գնալ։ Եվ ամբողջ տարվա ընթացքում մերթ խոսքով հասկացրու նրան իր անելիքը, մերթ աչքով֊ունքով, մեկ֊մեկ էլ ոտքդ նշանակալից տպտպացրու գետնին, և այսպես՝ երեք տարի շարունակ։

Թե որ չորրորդ տարում տեսնես, որ նա քեզ չի լսում և քո խրատներին ուշադրություն չի դարձնում, դու միայն բարակ ճիպոտով վախեցրու նրան, բայց ո՛չ մտրակով և ո՛չ էլ մահակով երբեք չխփես կնոջդ։ Այս էլ իմացիր՝ ճիպոտդ էլ այնպես տուն բեր անտառից, որ ոչ մի հարևան չտեսնի և չկարծի, թե դու ուզում ես կնոջդ ծեծել։

Իսկ թե նորից քեզ չլսի, այն ժամանակ կեչու դալար ճյուղը կտրիր և դրանով խրատ տուր։ Բայց երբեք կնոջդ չխփես ոչ դաշտում և ոչ էլ անտառում, որ չլինի թե մարդ իմանա և կնոջդ լացի ձայնն օտար մարդ լսի։

Թե ստիպված լինես ծեծել կնոջդ, միայն ուսերին խփիր, մի քիչ էլ մեջքը կակղացրու․ երբեք չխփես կնոջդ գլխին, ականջներին կամ դեմքին, թե չէ կարող է ճակատին ուռուցք առաջանալ, աչքերի տակը կապտել և այն ժամանակ կեսրայրն ու սկեսուրը, հարևանները կնկատեն այդ, կսկսեն հարց ու փորձ անել կնոջդ և կանայք ծիծաղելով կասեն․

«Այս աղջիկը կռվո՞ւմն է վիրավորվել, թե՞ գայլը կամ արջն են սրան հոշոտել։ Ո՛չ, ինչպես երևում է, ամուսինն է կատաղած գայլ, կամ մրթմրթան արջ»։

Վառարանին պառկած էր մի աղքատ ծերունի, այսպիսի խոսքերով նա դիմեց փեսային․

«Լսի՛ր, ով դու ճարտար դարբին Իլմարինեն, շատ ծանր ու թեթև մի արա, թե ինչ կասի, կխոսի կինդ, ինչպես ես, ողորմելիս էի անում, երբ դեռ նոր էի ամուսնացել։ Ընտիր հաց ու միս էի առնում բերում տունը, մյուս օրը ձուկ, կարագ և ամեն տեսակ ուտելիք, հետն էլ գարեջուր, բայց ոչ մի բանը չէր գոհացնում կնոջս։ Մեկ էլ տեսար մազմորուքս կքաշքշեր, կգոռար, թե ես հաստակող, տխմարի մեկն եմ և ոչ մի կարգին բան չեմ բերում տունը։

Այսպես մի քանի տարի տառապեցի, վերջն այլ ելք գտա․ վերցրի բարդենու դալար ճիպոտն ու տուն եկա․ երբ կինս ճիպոտը ձեռքիս տեսավ՝ վզովս ընկավ և ասաց․ «Իմ թանկագին ամուսին»։

Հարսնացուն նորից ծանր հոգոց հանեց, լաց եղավ և այսպես խոսեց․

«Շուտով գալիս է իմ բաժանվելու ժամը։ Ախր առաջ երբեք չէի մտածել, թե կարող եմ հեռանալ հորանցս տանից։ Ահա խմում են վերջին բաժակները, դրսում էլ սահնակներն են պատրաստում։

Շատ գոհ եմ իմ հորից, որ ինձ համար ոչինչ չի խնայել։ Շատ և շատ գոհ եմ մայրիկից, որ ինձ կաթով է սնուցել, օրորոցս է օրորել և անքուն գիշերներ լուսացնելով, ինձ մեծացրել է։

Անչափ գոհ եմ եղբորիցս, քրոջիցս, որոնք ինձ սիրել, փայփայել են։

Գնում եմ և կարոտով հրաժեշտ եմ տալիս իմ հարազատներին, մեր տանը, մեր բակին, մեր արտերին և մարգագետիններին, մեր թավուտ անտառներին ու մեր չքնաղ պուրակներին։

Թե որ պատահի ետ գամ մեր տունը, գուցե հորս ու մորս այլևս չտեսնեմ և նրանք իմ ձայնը չլսեն։

Մեկ էլ ու մեկ էլ մնաք բարով հայրիկ ու մայրիկ, իմ սիրելի եղբայր և հարազատ քույր․ մնաք բարով դաշտ ու անտառ, քաղցրահամ պտուղներ, մնաք բարով լճեր և կղզիներ, բլուրներ և հովիտներ»։

Վերջապես Իլմարինենը աղջկան սահնակ նստեցրեց, մտրակով խփեց ձիուն և նույնպես մնաք բարով ասաց դաշտերին, անտառներին և իրեն ճամփու դնող խնամիներին։

Երբ Իլմարինենը գյուղից դուրս էր գալիս, երեխաները նրա ետևից սկսեցին երգել․

«Ամպերից մի սև թռչուն իջավ, թռավ հասավ մեր աշխարհը, մեր թռչնակին, մեր քնքուշ ծաղկին հափշտակեց ու տարավ։ Այնքան էլ թանկ չնստեց անգին բեռը, մի քանի արծաթով հրապուրեց ու տարավ։ Էլ ո՞վ մեզ ծովափ կտանի, ո՞վ մեզ համար երգեր կերգի»։

Ձին գնաց մեկ օր, երկու օր և ահա՛ երրորդ օրվա իրիկնամուտին ճարտար դարբինը տեսավ իր տունը, տեսավ իր հարազատ օջախի թունդ ծուխը, որ քուլա֊քուլա բարձրանում էր ամպերին։

Ռունա ԻԵ

Իլմարինենի մայրը դիմավորում է որդուն և հարսին․ Վեյնեմեյնենը իմաստուն երգերով ուրախացնում է հարսանիքավորներին

Ինչպես ջահելները կարոտով սպասում են գարնան արևին, ինչպես երեխաները սպասում են, որ պտուղներն հասունանան անտառում, ինչպես ծովն սպասում է նավի․ այդպես էլ Իլմարինենի բարի մայր Լոկկան աչքը ջուր կտրած, սպասում էր իր որդուն և հարսին։

Առավոտ շուտ լուսամուտից նայում էր բակը, գուցե արդեն տեղ է հասել սահնակը․ ցերեկներին գնում կանգնում էր ճամփին և նայում անտառի կողմը, գուցե երևա սահնակ քաշող ձիու գլուխը․ երեկոներն էլ տան ցանկապատի մոտ կանգած, ականջը սրած սպասում էր, գուցե թե լսի սահնակի սղղոցը։

Կարոտած մոր հետ սպասում էր ամբողջ գյուղը․ մեծն էլ ու փոքրն էլ ուզում էին բախտավորված տեսնել ճարտար դարբին Իլմարինենին։

Եվ ահա՛ մի պայծառ առավոտ Լոկկան լսեց, որ անտառի ծառերն անուշ խշշում են, հետո լսեց ձիու սմբակների դոփյուն, ապա զանգակների զնգզնգոց։ Եվ քիչ հետո շքեղ սահնակը կանգնեց պապերի սարքած տան առաջ։

Սահնակի մեջ Լոկկայի հարազատ որդի Իլմարինենն է, կողքին էլ սիրունիկ հարսը, իսկ նրանց ետևից գալիս են հարս ու փեսային ուղեկցող հյուրերը։

Լոկկան, Կալեվալայի դուստրը, որ դեռ թարմ էր մնացել գարնան ծաղկի պես, այսպիսի խոսքերով դիմեց որդուն՝ Իլմարինենին։

«Ամբողջ ժամանակ, գիշեր֊ցերեկ մտածմունքի մեջ էի, թե ե՞րբ կվերադառնա իմ անուշիկ որդին․ ի՛նչ լավ եղավ, որ ողջ֊առողջ, բախտավորված տուն ես հասել։ Հիմա ձին սահնակից կարձակենք, կկապենք մսուրը, առաջը կլցնենք այն անուշ խոտից ու գարուց, որ միշտ ախորժակով կերել է։ Դու էլ, իմ սիրելի որդի, բոլորին, մեր գեղի մեծին ու փոքրին բարև տուր, բարև առ և պատմիր գլխովդ եկածը։ Հո շատ փորձանքի չե՞ս հանդիպել ճամփին։ Ինչպե՞ս քեզ ընդունեց զոքանչդ․ հանգիստ տունը մտար և նստեցիր աթոռին, թե՞ ստիպված եղար կռիվ անել, աներոջդ տան դուռը ջարդել, աղջկան զոռով փախցնել։

Չէ՛, տեսնում եմ, որ առանց հարց ու փորձի էլ, առանց պատասխանի էլ ամեն ինչ լավ, բարեհաջող է վերջացել և տղաս տիրացել է այս անուշիկ աղջկան։ Հապա այն ո՞վ է, որ սուտ լուրեր է տարածել, թե փեսան դատարկ ձեռքով է վերադարձել, իզուր նա զուգվեց֊զարդարվեց, սահնակին լծեց կայտառ ձին և գնաց օտար աշխարհ։ Չէ՛, այդ չար լեզուների ասածը թող քամին տանի։ Տեսնում եմ, որ տղաս բերել է այն անուշիկ բադիկը, այն դալար ճյուղը, որի կարոտով ապրում էր մի քանի տարի։

Դե, որ այդպես է, բոլորդ, ովքեր հավաքվել եք այստեղ, ուրախացեք, թող ուրախանան արևն ու լուսինը, թող ուրախանան բոլոր դյուցազունները՝ մեծն ու փոքրը, որ իրենց սիրելի դարբինը վերադարձել է»։

Այդ պահին մի փոքրիկ չարալեզու տղա ասում էր ընկերներին․

«Այ, դու չարաբախտ փեսա, ամբողջ կյանքումդ հույս ունեիր, թե այնպիսի կին ձեռք կբերես, որ հազար֊հազար անգին գանձ արժենա, բայց մի այնպիսի կին է քեզ բաժին ընկել, ոնց որ ճահճում նստած ագռավը, ոնց որ անբան կաչաղակը, մի անպետք սև թռչուն։

Այդ աղջիկն ամբողջ ամառը պարապ֊սարապ թրև էր գալիս, ոչ մի թաք գուլպա գործեց, ոչ էլ ձեռնոց։ Օժիտ էլ չունի հետը, սնդուկի մեջ մկներն են պար բռնել»։

Կալեվալայի պարծանքը, բարի Լոկկան, լսեց այդ տարօրինակ խոսքերն ու այսպես ասաց․

«Ա՛յ, չարալեզու տղա, ինչո՞ւ ես սուտ բաներ ասում․ գուցե մի ուրիշ տեղ կա այդպիսի անպետք հարս, բայց իմ հարսի նման հարս չկա աշխարհում․ ոչ Գերմանիայում, ոչ Էստոնիայում այդպիսի աղջիկ չի ճարվի․ հարսիս աչքերը՝ ոնց որ երկնքի աստղերը, բերանը քնքուշիկ, ոնց որ բացված վարդ, թևերը ձյունի պես ճերմակ, պարանոցն էլ կարծես կարապից է փոխ առել։

Իմ հարսը շատ լավ օժիտ ունի․ նրա սնդուկի մեջ մուշտակ էլ կա, ամեն տեսակի և գույնի շրջազգեստ և էլի շա՛տ ընտիր բաներ։

Իմ հարսը շատ լավ հյուսվածքներ է արել և շնորհքը թափվում է մատներից»։

Հետո Լոկկան դարձավ հարսին և ասաց․

«Դու իմ չքնաղ հարս, գիտեմ, որ քո շենքով֊շնորհքով հորդ տան պարծանքն էիր․ այստեղ, քո ամուսնու տանն էլ այնպես արա, որ մենք էլ պարծենանք քեզնով։ Ապրիր քեզ համար ուրախ֊զվարթ․ չէ՞ որ դու եկել ես մի աշխարհ, որտեղ հողն ամենայն բարիք տալիս է մարդուն։ Ճամփին դու արդեն տեսած կլինես, թե արտում քանի բարդ ցորեն ու գարի ունենք, ինչքան խոտ ու դարման, այդ բոլորը քո ամուսնու շնորհքն է․ նա թե լավ դարբին է, թե լավ վար ու ցանք անող։

Քեզ նման սիրուն թռչնակի համար այստեղ ամեն հարմարություն կա․ տան աթոռները շատ լավն են, իսկ բաղնիքում ողորկ տախտակ է դրված սալերին, որ ուզած ժամանակ լողանաս։ Տանտերը քեզ հայրություն կանի, տիրուհին ոնց որ հարազատ մայր, նրանց տղաներին քո եղբայրները համարիր, իսկ աղջիկներն արդեն քեզ քուրություն կանեն։

Թե որ ցանկանաս ուտել այն ձկնից, որ հորդ տանն ես կերել, կամ այն որսացուից, որ եղբայրդ է որսացել, դու տաքերդ կամ կեսրոջդ մի հարցրու, այլ ուղղակի խնդրիր քո ամուսնուց։ Ոչ մի վայրի կենդանի կամ թռչուն չի կարող ազատվել քո ամուսնու նետից․ խոր ծովում լողացող ոչ մի ձուկ չի կարող պրծնել քո ամուսնու ցանցից․ նա քո սրտի ուզածը կբերի քեզ, երբ ցանկանաս»։

Սկսեցին հարսանիքավորներին հյուրասիրել։ Ընտիր մսեղենը, հացն ու գարեջուրն անպակաս էր սեղանից։ Մի կողմից էլ մեղրն ու կարկանդակներն էին բերում հյուրերի համար։

Կերան֊խմեցին․ նորից բոլորն ուզեցին լսել անուշ երգեր։ Բայց ո՞վ պիտի երգի։ Իհարկե ծերուկ, հավատարիմ, հավերժական երգասաց Վեյնեմեյնենը։ Եվ նա սկսեց երգել․ և այսպես էր նրա երգը․

«Ամենից առաջ փառաբանենք այս տունը կառուցողին․ նա հմուտ վարպետ էր, որ կարողացավ ճահիճների մեջ հարմար տեղ ընտրել, և ամենաամուր ծառերից՝ կաղնիներից և եղևնիներից, սոճիներից և կեչիներից այնպիսի ամուր տուն կառուցել, որ սերնդե սերունդ դիմանում է։ Հարյուր և հարյուր վարպետ էր աշխատում այս տան վրա, ո՛րը պատերն էր տեղը դնում, ո՛րը կտուրն էր սարքում, մյուսներն էլ տան միջի հարմարություններն էին տեղը֊տեղին սարքավորում։

Հիմա էլ փառաբանենք տանտիրուհուն, որ այսպիսի ուրախ սեղան է բացել մեզ համար, իր ձեռքերով թխել է փափլիկ բաղարճներ, և ամեն տեսակ ընտիր կերակուրներով՝ խոզի մսով, սերով ու կարագով, ընտիր ձկներով և անուշ գարեջրով հյուրասիրում է մեզ։

Բարի տիրուհի Լոկկան, ահա՛ մի շաբաթ է, որ հանգիստ չունի։ Լուսադեմին, դեռ աքլորը չկանչած, վեր էր կենում, որ խրախճանքի համար այս ճոխ պատրաստությունը տեսնի և բոլորին գոհացնի։

Հերթը հասավ, որ փառաբանենք մեր նորափեսա ճարտար դարբին Իլմարինենին․ նա հագել է ամենաթանկագին զգեստները և ահա՛, տեսեք՝ ո՞ր դյուցազունը կհասնի նրան։ Մազերը կարծես ոսկյա հյուսկեր լինեն, դեմքն էլ պայծառ՝ արևի նման։

Հապա մեր չքնաղ հա՞րսը։ Տեսե՛ք, ինչ չնաշխարհիկ մանյակ է զարդարում նրա պարանոցը, բազուկներին թանկագին ապարանջաններ են, իսկ մատներին ոսկյա մատանիներ, ականջի օղերն էլ անգին մարգարիտներով զարդարված։

Երբ աղջկանը տեսա, կարծեցի թե արևն ու լուսինն են երկնքից վար իջել և շողք են արձակում մեզ վրա։

Դե, հիմա էլ փառաբանենք մեր սիրելի հյուրերին։ Բոլորն էլ անվանի դյուցզուններ են, ծերունիները կաղնու պես ամուր են մնացել, սիրունիկ և կայտառ են երիտասարդները։ Հենց որ տեսա մեր հյուրերին, բոլորն էլ ինձ ծանոթ֊հարազատ մարդիկ երևացին։ Բոլորն էլ հագել են ճերմակ զգեստներ, կարծես թե բարի առավոտու լույսն է կաթել նրանց վրա։ Ձեզ համար, թանկագին հյուրեր, ամեն ինչ անպակաս է այս շեն տանը»։

Հյուրերն ամենայն բարիք մաղթեցին նորապսակներին և ո՛րը սահնակով, ո՛րը ձիով ճամփա ընկան իրենց տները։

Ծերուկ երգասաց Վեյնեմեյնենն էլ բռնեց իր տան ճամփան։ Անցավ թավուտ անտառներով և փարթամ պուրակներով․ ամեն տեղ լսվում էր նրա հմայիչ երգը։

Բայց հանկարծ ծերունին դադարեց երգելուց, սահնակը դիպավ ճամփի միջին դուրս ցցված մի քարի և ջարդվեց․ կողերը պոկվեցին, հիմնաձողը կտոր֊կտոր եղավ։ Վեյնեմեյնենի մոտ գործիք չկար, որ սահնակը նորոգեր։ Նա այսպիսի խոսքեր ասաց այդտեղ հավաքված մարդկանց․

«Երիտասարդների կամ ծերերի մեջ չկա՞ մեկը, որ իջնի Տոունելի գետի խորերը, Մանալի թագավորություն հասնի և այնտեղից բերի մի գայլիկոն, որ ես կարողանամ սահնակը նորոգել և տուն հասնել»։

Երիտասարդները և ծերերը միևնույն բանն ասացին․

«Մեր մեջ չկա մի այնպիսի քաջ հերոս, որ սիրտ անի աջնել Տուոնելիի ջրերի խորերը, Մանալի թագավորությունն հասնել և գայլիկոն բերել, որ դու կարողանաս նավակը սարքել»։

Ինքը, ծերուկ հավերժական երգասացը, գնաց իջավ Տուոնելիի ջրի խորերը, հասավ Մանալի թագավորությունը և բերեց գայլիկոնը։

Սկսեց երգել․ կաղնիներից, կեչիներից և մյուս ամուր ծառերից սահնակի կողերը սարքեց, ապա հիմնաձողը և բոլոր մյուս մասերը կարգի բերեց, հետո լծեց ձին։

Ձին փռնչաց, առանց մտրակելու առաջ սլացավ և շուտով երգասացին հասցրեց տան շեմը։ Վեյնեմեյնենը ուրախացած մտավ իր նվիրական հարկի տակ։

Ռունա ԻԶ

Լեմմինկայնենը շատ դժվարություններ հաղթահարելով հասնում է Պոխյոլա

Պոխյոլայից ոչ հեռու, Կաուկո հրվանդանի դիմացի կղզում էր ապրում դյուցազն Լեմմինկայնենը, ինքը՝ Կաուկոմեյլին։ Նա վար ու ցանք էր անում, խնամում էր արտերը։ Հերոսի լսողությունը շատ սուր էր։

Ծովափից լսեց ինչ֊որ ձայներ, ձիերի խրխնջոց, հետո արդեն Պոխյոլայից հասնող խրախճանքի զվարթ ձայները։ «Կա չկա, այնտեղ հարսանիք են անում», ― մտածեց հերոսը։

Մտածեց ու շատ տխրեց․ սև գանգուրներն իջան ճակատին, արյունը խփեց երեսը․ էլ չկարողացավ վար ու ցանք անել․ իսկույն թռավ ձիու մեջքին, տուն հասավ և իր պառավ մորը դիմեց այսպիսի խոսքերով։

«Իմ սիրելի մայրիկ, շուտ ինձ ուտելիք բեր, բե՛ր, անկշտում ուտեմ, ուտեմ ու հագենամ։ Տաքացրու բաղնիքը, որ մի լավ լողանամ, մաքրվեմ և երևամ, ոնց վայել է գեղեցիկ հերոսին»։

Մայրը պատրաստեց որդու ուզածը։ Տղան կերավ կշտացավ, հետո բաղնիք գնաց, լավ մաքրվեց։ Շիկահեր մազերը փայլ ստացան, իսկ պարանոցն արծաթի պես սպիտակին էր տալիս։ Հետո եկավ և մորն ասաց․

«Մայր իմ սիրելի, գնա՛, իմ լավ հագուստները բեր, որ հագնվեմ, ինչպես վայել է քո հերոս որդուն»։

Մայրն հարցրեց․

«Ո՞ւր ես գնում, որդյակ իմ, որսի՞, թե՞ ուզում ես ծովը գնալ ձուկ բռնելու»։

Լեմմինկայնենը պատասխանեց․

«Իմ հարազատ մայր, ոչ որսի եմ գնում, ոչ էլ ուզում եմ ձուկ բռնել։ Գնում եմ Պոխյոլա, անտեղ ինձնից գաղտնի հարսանիք են անում։ Միայն շուտ, իմ ամենալավ վերնաշապիկը բեր, նոր կարած կապան բեր, որ հագնեմ, գնամ պառավ Լոուխիի խրախճանքին, ցույց տամ, թե ես ինչ շենք ու շնորհքի տեր եմ, այնպես, որ հարսանիքում բոլորի աչքն ինձ վրա լինի»։

Մայրը չէր ուզում որդուն թողնել, որ Պոխյոլա գնա, Լեմմինկայնենի կինը՝ սիրունիկ Կյուլլիկկին էլ շատ թախանձեց, որ ամուսինը չգնա այդ վտանգավոր երկիրը, բայց դյուցազնը չլսեց։ Մայրը նորից թախանձեց․

«Իմ ազիզ որդի, մի գնա Պոխյոլայի խրախճանքին։ Չէ՞ որ քեզ չեն հրավիրել»։

Ուրախ Լեմմինկայնենը պատասխանեց․

«Թուլամորթն է գնում հրավերով։ Կտրիճը գնում է առանց հրավերի։ Ես պողպատե թուր ունեմ ձեռքիս, թուր, որ կայծեր է ցայտում»։

Իսկ մայրն ուզում էր որդուն ետ պահել, ուստի կրկին հորդորեց․

«Իմ թանկագին որդի Կաուկո, դու մի գնա Պոխյոլայի խնջույքին։ Սարսափելի է այդ երկիրը․ ամեն քայլափոխում վտանգի կհանդիպես․ այնտեղ գնացող հերոսը ճամփին երեք անգամ կկանգնի մահվան դեմ֊հանդիման և չի կարողանա խուսափել դաժան օրհասից»։

Տղան պատասխանեց․

«Ամեն տեղ էլ մահը կարող է վրա հասնել, վախկոտ մարդն է, որ տանից դուրս չի գալիս, նա սարսափում է մահից, իսկ հերոսն հաղթահարում է ամեն վտանգ, արհամարհում է մահը։ Ինչ ուզում է լինի, ես պիտի գնամ, միայն դու, սիրելի մայրիկ, ասա՛, թե այդ ինչ դժվարություններ են, ինչ վտանգներ կա ճամփին, որ առաջուց իմանամ և անփորձ դուրս գամ թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ մահ֊սպառնացող վտանգներից»։

Մայրը պատասխանեց․

«Ես քեզ կասեմ ճշմարիտը․ առաջին օրն հենց դու կկանգնես մահվան դեմ հանդիման․ դեռ մութը վրա չհասած դու կհանդիպես բոցավառ գետի։ Բոցեղեն ալիքների վրա լողում է մի հրեղեն կղզի, կղզու եզրին էլ մի բոցկլտուն հրվանդան կա։ Հրվանդանի վրա էլ նստած է մի հրեղեն արծիվ։ Գիշերներն այդ արծիվը իր կտուցն է սրում, ցերեկն էլ մագիլները, որպեսզի իր մագիլներում խեղդի և կտուցով հոշոտի նրան, ով սիրտ կանի անցնել բոցեղեն գետի մոտով»։

Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը՝ Կաուկոմեյլին պատասխանեց․

«Ո՛չ, հերոսներն այդպիսի բանից չեն վախենա․ արծվի ճանկերում կարող են տխմար կանայք մեռնել։ Ես, կախարդանքով, լաստենուց ձի կսարքեմ․ ձին իմ կողքից կերթա, հետո առաջ կանցնի, մինչև արծիվը կուզենա ձիու հետ դատաստան տեսնել, ես բադի կերպարանք կառնեմ, կսուզեմ գետի մեջ և ինչքան կուզի, թող արծվի կտուցն ու մագիլները սուր լինեն․ ես անփորձ դուրս կգամ գետի մյուս ափը և կերթամ իմ ճամփով։ Դե, հիմա, սիրելի մայրիկ, ասա՛ դրանից հետո ի՞նչ փորձանքի պիտի հանդիպեմ»։

Մայրն ասաց․

«Երկրորդ օրը կհանդիպես մի լայն ու երկար խանդակի՝ մի ծայրով արևելք, մյուսով արևմուտք ձգված։ Խանդակը լիքն է բոցկլտուն քարերով։ Այդտեղ իրենց մահն են գտել սրերով և նիզակներով զինված հազարավոր կտրիճներ․ էլ ո՞նց կարող ես գլուխդ ազատել այդպիսի վտանգից»։

Տղան պատասխանեց․

«Այդպիսի բաներից հերոսը չի մեռնի․ դրանից էլ գլուխս կազատեմ։ Ես սառցից կամ ձյունից մարդ կսարքեմ։ Սառցե մարդը կնետեմ բոցկլտուն քարերի վրա, իսկ այդ ժամանակ, մինչև սառցե մարդը կհալվի, ջեռ կրակները կսառչեն․ ես կթռչեմ խանդակի վրայով, կանցնեմ մյուս կողմը, իսկի մի մազս էլ չի այրվի։ Դե հիմա, սիրելի մայրիկ, ասա, ո՞րն է երրորդ փորձանքը»։

Մայրն ասաց․

«Ահա՛ թե որն է երրորդ վտանգը։ Մեկ օր էլ կերթաս քո ճամփով և ահա՛ կհասնես Պոխյոլայի դարբիններին։ Այնտեղ խավարում պահ է մտած գայլը։ Այնտեղ է թաքնված նաև արջը․ հենց նեղ ճամփի միջում նրանք քեզ կխժռեն․ հազարի չափ հերոս են կուլ գնացել նրանց անկուշտ ռեխին․ մի՞թե նրանք կխնայեն քեզ, ով իմ անպաշտպան որդի»։

Այսպես պատասխանեց Լեմմինկայնենը, այն կտրիճ Կաուկոմեյլին․

«Գայլն ու արջը կարող են հոշոտել գառնուկներին․ բայց ոչ մի հերոսի, նույնիսկ ամենասովորականին, նրանք չեն կարող վնասել։ Իսկ ես մեջքիս ունեմ տղամարդու քամար, ճարմանդավոր զգեստներ, գիտեմ թե ինչպես պետք է կռվեմ գայլի ու արջի դեմ։ Կախարդանքով, թե՛ գայլի և թե՛ արջի բերանին սանձ կդնեմ, մի հարվածով նրանց կտոր֊բրդուջ կանեմ և բոլոր վտանգները հաղթահարած ազատ առաջ կերթամ իմ ճամփով»։

Մայրն ասաց․

«Ինչ որ ասի, դեռ բոլորը չէ․ երեք տեսակ սարսափելի փորձանքի էլ կհանդիպես, մինչև տեղ հասնես․ իսկ չորրորդ փորձանքն սպասում է քեզ հենց Պոխյոլայում։ Քիչ էլ գնաս կտեսնես մի բարձր երկաթե ցանկապատ։ Այդ ցանկապատի ցցերը ոչ թե ձողերով են կապկպված իրար, այլ կապկված են սարսափելի օձերով, հենց դարբասի դռանն էլ գալարվում է մի մեծ թունավոր֊վիշապ օձ․ նա ունի հարյուր աչք և հազար խայթիչ․ հենց որ մոտենաս, նա իր ահռելի բերանը բաց կանի և քեզ ողջ֊ողջ կուլ կտա»։

Տղան պատասխանեց․

«Երեխաները կարող են օձի երախին կուլ գնալ և ոչ թե ինձ նման հերոսը։ Չէ՞ որ ես ժամանակին օձերով լիք արտն եմ վարել, և ինձ ոչ մի վնաս չի հասել․ դեռ փոքր ժամանակս էլ հարյուրավոր օձեր եմ սպանել, բկիցը բռնել ու խեղդել։ Հիմի էլ կկախարդեմ, կսպանեմ և առաջ կերթամ ու համարձակ կմտնեմ Լոուխենի տունը»։

Մայրն էլի հորդորեց․

«Իմ սիրելի որդի, մի գնա դաժան Պոխյոլան, մի մտնիր Սարիոլիի այդ չար պառավի տունը, այնտեղ բոլոր մարդիկ զինված են, խմել են և գլուխները տաքացել է․ նրանք քեզ կկախարդեն և կսպանեն։ Չէ՞ որ քեզնից ավելի ուժեղներին և քեզնից ավելի շատ կախարդանքներ անողին են մեռցրել»։

Կտրիճ Կաուկոմեյլին պատասխանեց․

«Ախր ես շատ եմ ապրել այդ Սարիոլիում․ լապլանդացիների հետ շատ եմ գլուխ դրել․ նրանցից ես վախ չունեմ․ ինքս նրանց կկախարդեմ, մարմինը մաս֊մաս կանեմ»։

Մայրն ասաց․

Ո՛վ իմ դժբախտ զավակ, դու միշտ անցածն ես հիշում․ իհարկե, դու շատ օրեր ես անցկացրել Սարիոլիի խրճիթներում, շատ փորձանքների ես հանդիպել, մինչև իսկ Տուոնելիի սև ջրերի հորձանքի մեջ խեղդվել, Մանալի ստորջրյա աշխարհն ես իջել, բայց եթե քո խեղճ մայրը քեզ օգնության չհասներ, դու այնտեղ էլ կմնայիր և այլևս լույս աշխարհը չէիր տեսնի։

Լսիր ինձ, հենց որ Պոխյոլա, պառավ Լոուխենի բակը մտնես, նրանց բակում տանտերը բազմաթիվ սրածայր սյուներ է տնկել և ամեն մի սյան վրա մարդու գլուխ է ցցված․ միայն մի սյուն է ազատ մնացել, այն էլ քեզ համար է»։

Կտրիճ Լեմմինկայնենը պատասխանեց․

«Թող անբան տխմարներն այդպիսի բաներից վախենան․ ո՛չ թե մեկ, այլ վեց֊յոթ անգամ եմ ես եղել ամենադաժան կռիվների մեջ և երբեք չեմ իմացել, թե ինչ բան է վախը։ Սիրելի մայրիկ, բե՛ր իմ զինվորական զգեստները, բե՛ր իմ հայրիկի թուրը․ շատ ժամանակ է նա մութ անկյունում ընկած անբան մնացել․ ժամանակն է, որ ես հորական թուրս գործի դնեմ»։

Կտրիճը հագավ զինվորական զգեստները, կապեց պողպատե քամար․ քամարի մի կողմից կապեց հորական թուրը, մյուս կողմից տապարը․ մեջքին էլ ուներ հոր նիզակը։ Եվ այսպես խոսեց․

«Հապա, այն ո՞ր պոխյոլցին է, որ կարող է իմ թրին դեմ կանգնել, ես Սարիոլիի այն տղամարդին հերոս կանվանեմ, ով ինձ հետ կկարողանա չափվել իր ուժով»։

Եվ ստրուկին հրամայեց, որ սահնակը պատրաստի, լծի ամենալավ ձին։

Երբ արդեն կտրիճ Լեմմինկայնենը սահնակ էր նստել, մայրը կրկին խրատեց․

«Դու իմ մինուճար որդի, դե բարի ճամփա, գնա ուր որ կուզես։ Գիտեմ, գնում ես, որ հասնես խրախճանքին, միայն թե հիշիր խրատս, եթե քեզ մի թաս գարեջրով հյուրասիրեն, դու միայն գարեջրի կեսը խմիր, մյուս կեսը թող հյուրասիրողը խմի, որովհետև թասի հատակին ամեն տեսակ աղտեղություններ կլինեն»։

Տղան արդեն սահնակը դարբասից դուրս էր քշել․ մայրն էլի խոսեց․

«Երբ մտնես այն սենյակը, ուր մարդիկ քեֆի են նստել, դու նստարանի կես մասի վրա նստիր, թող մյուս կեսին նստի քեզ հրավիրողը։ Այսպիսով դու պատրաստ կլինես ամեն փորձանքի դեմ գնալու և չես խաբվի»։

Լեմմինկայնենը մտրակեց ձիուն։ Սահնակն առաջ էր սուրում։ Քիչ անց կտրիճը տեսավ թռչունների մի մեծ երամ․ երամն անցավ ձիու գլխավերևով։ Թռչունների մի քանի փետուրներ ընկան ճամփի վրա։ Լեմմինկայնենը վերցրեց փետուրները և դրեց գրպանը․ ո՞վ է իմանում, երբ կարիքի մեջ ընկնես, ամենահասարակ բանն էլ պետք կգա։

Քիչ էլ առաջ գնաց, մեկ էլ ձին փռնչաց և ականջը ձայնի, վախեցած մնաց տեղում։

Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին, կանգնեց սահնակի միջում և առաջը նայեց․ դիմացը բացվեց այն տեսարանը, ինչ գուշակել էր մայրը։ Ահա՛ բոցավառ գետի մեջտեղում կա մի բոցկլտուն բլուր․ բլուրին կանգնած է հրեղեն արծիվ․ նա կտուցով կրակն է խառնում և բերնից կայծեր են թռչում այս ու այն կողմի վրա։ Արծիվը տեսավ հեռվից եկող Լեմմինկայնենին և հարցմունք արավ․

«Այդ ո՞ւր ես գնում, Կաուկո»։

Տղան պատասխանեց․

«Պոխյոլա, հարսանիքի հանդեսին եմ գնում։ Ճամփից մի քիչ դենը գնա, ով արծիվ, և թո՛ղ, որ կտրիճ Լեմմինկայնենը գնա իր ճամփով»։

Արծիվը պատասխանեց․

«Իհարկե, ճամփա կտամ․ ահա՛ բերանս բաց եմ արել․ կտրիճ Լեմմինկայնենը թող գա՛, մտնի՛ կոկորդս, այնտեղից էլ հերոսը թո՛ղ անցնի իմ ստամոքսը․ այնտեղ մի լավ քեֆ կանի և ուզածի չափ կհանգստանա»։

Տղան շատ մտահոգվեց, բայց իսկույն ելքը գտավ, ձեռքը տարավ գրպանը, հանեց թռչունների փետուրները, սեղմեց իրար, մի գունդ սարքեց և սկսեց տրորել իր զորեղ ափերի մեջ։ Եվ ահա՛ քիչ անց օդը լցվեց կաքավների և խլահավերի երամով։ Կտրիճը դրանց արծվի հրեղեն կոկորդը նետեց․ մինչ արծիվն առատ որսն էր խժռում, տղան համարձակ գնաց իր ճամփով և այդպիսով առաջին փորձանքից ազատվեց։

Մյուս օրը Լեմմինկայնենը շարունակեց ճամփան և ահա՛ ձին կրկին փռնչաց և վախեցած կանգնեց․ տղան նայեց և ի՜նչ տեսնի․ դիմացն այն տեսարանն էր, ինչ գուշակել էր մայրը։ Մի լայն, խորը և երկար խանդակ՝ մի ծայրով արևելք, մյուսով արևմուտք ձգված։ Մեջը լիքն է բոցկլտուն քարերով։

Տղան շատ չմտածեց․ այսպիսի խնդիրք արավ․

«Ո՛վ դու բարձրյալդ, ամենաողորմած երկնավոր հայր, ամպեր ուղարկիր արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից․ թող ամպերն իրար բախվեն և առատ ձյուն տեղա այս խրամատի բոցկլտուն քարերի վրա»։

Երկնային հաստիչ Ուկկոն լսեց կտրիճի խնդիրքը․ ամպեր կուտակեց չորս կողմից, և առատ ձյուն սկսեց տեղալ․ ձյան շերտը հասավ մեկ սաժենի, հալվեց և խանդակը լցվեց ջրով, գոյացավ լիճ և ալիքներն սկսեցին ծփալ ափերին։

Լեմմինկայնենը կախարդանքով մի կամուրջ սարքեց, իր սահնակով անցավ կամուրջի վրայով և այսպիսով երկրորդ անգամ փրկվեց մահից։

Կրկին շարունակեց ճամփան և երբ մոտենում էր Պոխյոլային, ձին փռնչաց ու վախեցած կանգնեց․

Լեմմինկայնենը սահնակից դուրս թռավ և ի՜նչ տեսնի․ գայլն է կանգնած ճամփի միջին, քիչ այն կողմ արջն է դարան մտել։

Կտրիճ Լեմմինկայնենը ձեռքը գրպանը տարավ և ոչխարի բուրդ հանեց այնտեղից․ բուրդը գունդ արավ, տրորեց զորեղ ափերի մեջ։ Եվ ահա՛ քիչ հետո նրա ձեռքերի միջից դուրս թափվեցին բազմաթիվ ոչխարներ և այծեր, մի ամբողջ հոտ։ Գայլն ու արջը ոչխարների և այծերի ետևից ընկան, իսկ ուրախ Լեմմինկայնենը սահնակ նստեց և շարունակեց ճամփան։

Քիչ էլ առաջ գնաց և հասավ Պոխյոլայի տիրոջ բակին։ Այն պատած էր երկաթե ցանկապատով․ բարձրությունը հազար սաժեն էր․ ցցերի տեղ նիզակներ էին խրված և նիզակ֊ցցերն իրար էին կապկված օձերով։

Լեմմինկայնեն ինքը իրեն խոսեց․

«Այստեղ ամեն ինչ այնպես է, ինչ մայրս գուշակեց․ ցանկապատը նույնիսկ ավելի բարձր է․ թռչունը հազիվ թռչի նրա վրայով։ Օձերով լիքն է ցանկապատի շուրջ֊բոլորը»։

Բայց տղան չհուսահատվեց, քաշեց տապարը, ապա թուրը․ տապարով ջարդեց դարպասի ցցերը, թրով կտրատեց֊ջախջախեց օձերին և առաջ անցավ։

Բայց այստեղ արդեն շատ մեծ էր վտանգը․ ճամփին փռված էր վիշապ֊օձը․ նա շատ ավելի մեծ էր, հաստ ու երկար, քան ամենահաստ գերանը․ հարյուր աչք ուներ օձը և հազար հատ էլ թունավոր լեզու․ ատամները ոնց որ երկաթե փոցխ։

Լեմմենկայնենը չվախեցավ, այսպիսի խոսքերով դիմեց օձին․

«Այ դու օձ, քո տեղը խոնավ հողի և ժայռերի մեջ է․ ինչպե՞ս ես համարձակվել գալ պառկել իմ ճամփին և քո զզվելի երախը բացել։ Շո՛ւտ, փակիր երախդ, գլուխդ խոնարհիր, ներս քաշիր թունավոր֊խայթիչ լեզուդ, գունդ ու կծիկ եղիր և դե՛նը կորիր։ Գնա մտիր հեռավոր ծմակները, ճիմերի մեջ է քո տեղը, ինձ ճամփա տուր․ եթե այստեղից չես հեռանա, եթե գլուխդ մեկ էլ ցցես, ապա բարձրյալն Ուկկոն քեզ կխոցի իր նետերով և երկաթե կարկուտ կտեղա քո գլխին»։

Բայց գարշելի օձը բանի տեղ չդրեց հերոսի ասածները, էլի ֆշշացնում էր թունավոր խայթիչով և սպառնում էր իր երախի մեջ առնել դյուցազնի գլուխը։

Լեմմինկայնեն ասաց դարերի խորքից եկած այն խոսքերը, որ լսել էր մայրիկից․

«Եթե դու իմ խոսքերը բանի տեղ չդնես և շուտով այստեղից չհեռանաս, ապա գեշ հիվանդությամբ կսկսես տառապել, երեք կտոր կդառնաս ու կսատկես։ Ես գիտեմ, թե դու ինչ չար ծնունդ ես․ քո մայրը մարդակեր էր և նրա բոլոր վատ հատկությունները քեզ են անցել․ մայրդ լողում էր ծովի խորքերում, ափ ելավ և իր լորձունքը թափեց ավազի վրա։ Այդ ժամանակ ծովափ եկան երկնից դուստրերը․ նրանք ասացին․

«Այս լորձունքից ի՞նչ կստացվի, եթե ամենակարողը սրան շունչ տա, ապա նաև աչքեր»։

Ամենակարողը լսեց նրանց խոսքերն ու պատսխանեց․

«Գարշանքից միայն գարշանք կստացվի, եթե այս թունալից լորձունքին ես շնչավոր դարձնեմ և աչքեր տամ, ապա դա մի նողկալի հրեշ կդառնա»։

Լորձունքը մնաց ափին։ Եվ ահա՛, այն չար Հիյսին, որ ամեն տեսակ վատ գործի պատրաստ էր, լսելով Ամենակարողի խոսքերը, շունչ տվեց այդ անպիտան լորձունքին, աչքեր շնորհեց և ստեղծեց այն գարշանքը՝ նենգ ու թունավոր սև իժը։ Քո սիրտը, քո ուղեղը, ո՛վ դաժան բարքի դաժան ծնունդ, դու ժառանգել ես քո անպիտան մորից, քո աչքերը, քո պոչը, լեզուդ սարքված են երկրի վրա գտնող ամենաքստմնելի նյութերից, անպետք֊թունավոր բույսերից, ծովի և ցամաքի կենդանիների ամենավատ հատկություններից։ Ահա՛ թե ով ես դու, մարդկության թշնամի Հիյսիի նողկալի ծնունդ։

Դու խորամանկ ես ու դավադիր, դու սպանում ես նույնիսկ քեզ լավություն անողին, դու իրավունք չունես փակելու իմ ճամփան․ շուտով դենը կորիր հերոսի ճամփից, թող որ ես անվնաս անցնեմ, գնամ֊հասնեմ Պոխյոլայի հարսանեկան խրախճանքին, թե չէ թրովս ու տապարովս գլուխդ կջախջախեմ»։

Եվ ահա՛ այն հարյուրաչքանի հրեշը գալարվեց և փոխեց ճամփան։ Հերոսի ճամփան բացվեց և նա նստեց սահնակն ու ավելի արագ քշեց, որ գնա հասնի խրախճանքին։

Ռունա ԻԵ

Լեմմինկայնենը մենամարտում է Պոխյոլայի տիրոջ հետ

Ահա՛ այսպես, ամեն փորձություններից անցավ իմ քաջ որսորդ Լեմմինկայնենը և ողջ֊առողջ հասավ Պոխյոլայի տիրոջ տունը։ Հիմա արդեն պիտի շարունակեմ իմ երգը և պատմեմ, թե այն կտրիճ Կաուկոմեյլին ինչպես անցկացրեց իր օրը Սարիոլում, ինչպես ընդունեցին տանտերերը մեր դյուցազն Կաուկոյին, մեր անկոչ հյուրին։

Ուրախ Լեմմինկայնենը ուղղակի մտավ Պոխյոլայի տիրոջ տունը։ Երբ հերոսը ներս էր մտնում, խրճիթի հատակն ու առաստաղը ցնցվեցին։ Կտրիճ տղան կանգնեց սենյակի մեջտեղն ու ասաց․

«Ահա ես ե՛ս․ «Բարև և ո՛ղջ լինես» կասեմ նրան, ով ինձ կասի նույն խոսքերը․ ո՜վ դու Պոխյոլայի տեր, արդյոք քո ախոռում տեղ կլինի՞ իմ ձիու համար․ գարի կլցնե՞ն նրա առաջ, իսկ ինձ գարեջրով կհյուրասիրե՞ք»։

Պոխյոլայի տերը, որ նստած էր սեղանի մոտ, այսպես պատասխանեց․

«Իմ սրտում քո ձիու համար տեղ կլիներ, ես քո ուզածը չէի մերժի, եթե դու տուն մտնեիր ինչպես կարգն է։ Դու պետք է դեռ շեմին չհասած գլուխդ խոնարհեիր և սպասեիր, մինչև քեզ ներս կկանչեինք»։

Զայրացավ Լեմմինկայնենը և այսպես խոսեց․

«Ես չեմ հիշում, թե իմ հայրն այստեղ գալիս գլուխը խոնարհեր և դռանն սպասեր, մինչև նրան ներս կանչեին․ նա անմիջապես ամենապատվավոր տեղն էր նստում․ նրա մարդկանց իսկույն հատուկ խրճիթ էին հատկացնում, նրա ձիուն ախոռն էին կապում և առատ գարի տալիս։ Պատին տեղ կար, որ նա իր զենքը հաներ֊կախեր․ մի մեխ էլ կար, որից նա ձեռնոցներն էր կախում, ապա ուտում֊խմում, հանգստանում էր։ Այդ ինչպե՞ս է, որ հիմա ինձ համար տեղ չկա․ ի՞նչ է, ես ինչո՞վ եմ պակաս իմ հորից»։

Այս խոսքերով կտրիճ տղան նստեց նոճենու փայտից սարքած աթոռի եզրին․ աթոռը ճռնչաց և ճաքճքեց։

Լեմմինկայնենը կրկին խոսեց․

«Երևում է ձեր սրտովը չէ, որ եկել եմ․․․ թե չէ, ինչո՞ւ ինձ գարեջուր չեք հրամցնում, ինչպե՞ս է, որ ինձ նման հյուրին ուտելիք չեք բերում»։

Միջամտեց տանտիրուհին և ասաց․

«Ով դու ջահել Լեմմինկայնեն, երևում է, որ մտքումդ ուրիշ բան կա, ուզում ես փորձանք բերել մեր գլխին։ Իսկ գարեջուրը դեռ պատրաստ չէ, մսացուն էլ չենք մորթել․ դու կամ պետք է երեկ գայիր, կամ էլ թե չէ գոնե վաղը տեղ հասնեիր»։

Լեմմինկայնեն այս խոսքի վրա այնպես բարկացավ, որ մազերը ցցվեցին․ նա ասաց․

«Ուրեմն եղած֊չեղածը կերե՞լ եք, խնջույքն առանց ինձ եք արել, ամբողջ գարեջուրը խմե՛լ եք, մեղրից ոչ մի կաթիլ չե՛ք թողել․․․ աման֊չաման հավաքել եք․ ո՛նց, ո՛նց ես դու, Պոխյոլայի ատամնաթափ տիրուհի, խնջույքի կանչել ամեն տեսակ մարդու, նույնիսկ ամենահետնյալին, իսկ ինչպե՞ս է, որ մենակ ինձ չես հրավիրել․ գիտեմ, որ ճոխ հարսանիք եք արել, շատ գարեջուր և ուտելիք եք պատրաստել։ Չէ՛, չէ՛, Լեմմինկայնենը շատ կնեղանա, եթե նրան գարեջրով չհյուրասիրեք, եթե մի լավ աման կերակուր՝ մեջը քսան ֆունտ խոզի միս չբերեք, որ նա իր երկար ու դժվարին ճամփից հետո ուտի֊խմի»։

Տիրուհին կարգադրեց իր աղախնուն․

«Է՛յ, դու փոքրիկ աղջիկ, բե՛ր մի աման կերակուր, մեր հյուրին գարեջուր հրամցրու»։

Աղջիկը, որ խնջույքի ամաններն էր լվանում ու մնացուկները հավաքում, մի աման կերակուր բերեց, բայց ի՜նչ կերակուր, ― ձկների կրծմրծած գլուխ ու ոսկորներ, շաղգամի թոռոմած փրեր, չոր հացի կտորտանք։ Մի կուժ էլ գարեջուր բերեց, բայց ի՜նչ գարեջուր, ― ջրախառն մի անպետք հեղուկ։ Եվ դրանցով ուզում էին, որ կշտանա ու ծարավն հագեցնի դյուցազնը։ Աղջիկն ասաց․

«Եթե դու իսկական դյուղազն ես, պետք է այդ կժի գարեջուրը մինչև տակը միանգամից խմես֊դատարկես»։

Այստեղ Լեմմինկայնենը նայեց ու ի՜նչ տեսնի․ կժի հատակում վխտում են իժեր֊օձեր, որդեր են կպած կժի կողերին, մողեսներ են երևում գարեջրի մեջ։

Լեմինկայնենը գազազած ասաց․

«Այսպիսի ամանով, այսպիսի կեղտոտ գարեջուր հրամցնողները արժանի են, քանի դեռ արևը մայր չի մտել, քանի դեռ լուսինը դուրս չի եկել֊Տունոելիի սև ջրերի խորքում իրենց պատիժն առնեն»։

Լռեց, ապա քիչ հետո ասաց․

«Այս գարեջրի մեջ հավաքել֊լցրել են ամեն տեսակ աղտեղություն․․․ բայց և այնպես այս գարեջուրը ես կխմեմ, միայն թե մատներովս կբռնեմ, դուրս կքաշեմ ամբողջ աղտեղությունը»։

Նա գրպանից հանեց կարթեր ու գցեց կժի մեջ․ իժերն ու օձերն ընկան կարթերին։ Նա քաշեց, դուրս շպրտեց զեռուններին և գլուխները կտրեց։ Հետո կարթին ընկան հարյուրավոր գորտեր, որդեր ու մողեսներ․ դրանք էլ դուրս նետեց, հետո նոր միայն կժի ամբողջ գարեջուրը գլուխը քաշեց։ Երբ խմեց պրծավ, այսպես խոսեց․

«Երևում է, որ ես անցանկանալի հյուր եմ․ դրա համար էլ ինձ մեծ ամանով, իսկական֊մաքուր գարեջուր չտվիք, ոչխար ու ցուլ չմորթեցիք իմ գալու առթիվ»։

Այստեղ կնոջ փոխարեն խոսեց Պոխյոլայի տերը․

«Դու ինչո՞ւ եկար այստեղ, քեզ ո՞վ հրավիրեց Պոխյոլա, հապա՛, պատասխանի՛ր»։

Կտրիճ Լեմմինկայնենը պատասխանեց․

«Երբ մարդու հրավիրում են, իհարկե լավ է, բայց երբ մարդն ինքն իր ոտքով է հյուր գալիս, նա ավելի թանկ է։ Լսի՛ր, ով տերդ Պոխյոլայի, ա՛ռ, փող տամ քեզ և դու ինձ կանխիկ վճարով գարեջուր վաճառիր»։

Զայրացավ, կարմրատակեց Պոխյոլայի տերը, իսկույն սկսեց կախարդություն անել և Լեմմինկայնենի ոտքերի մոտ հանկարծ մի լճակ գոյացավ․ տերն ասաց․

«Ահա՛ քեզ ջրով մի լճակ, ինչքան ուզում ես լակիր»։

Առանց երկար մտածելու այսպես պատասխանեց Լեմմինկայնենը․

«Ես պառավի մոտ պահ տված հորթ չեմ, ո՛չ էլ պոչավոր ցուլ, որ լճակի ջուրը լակեմ»։

Եվ ինքը, Լեմմինկայնենը, նույնպես կախարդություն արավ ու ահա գետնի վրա կանգնեց ոսկե եղջյուրով մի ցուլ։ Ցուլն անմիջապես խմեց լճակի ամբողջ ջուրը։

Պոխյոլայի տերը գայլ ստեղծեց, որ նա հոշոտի ցուլին։

Ուրախ Լեմմինկայնենը մի նապաստակ ստեղծեծ, որ նա թռվռա գայլի երախի դիմաց։

Պախյոլայի տերը մի գազազած շուն ստեղծեց, որ նա խժռի շլդիկ նապաստակին։

Բայց ուրախ Լեմմինկայնենը մի սկյուռ ստեղծեց․ սկույռն սկսեց թռչկոտել ծպեղի վրա ու շունն սկսեց հաչել։

Պոխյոլայի տերը ստեղծեց մի կզաքիս․ նա թռավ ծպեղի վրա ու բռնեց սկյուռին։

Բայց ուրախ Լեմմինկայնենը ստեղծեց մի գորշագույն աղվես, որ նա բռնի կզաքիսին և ուտի։

Պոխյոլայի տերն անմիջապես մի հավ ստեղծեց, որ աղվեսի երախի առաջ թռչկոտի։

Ուրախ Լեմմինկայնենը տեղն ու տեղը, կախարդանքով, սուր ճանկերով մի բազե ստեղծեց, որ հավին սպանի։

Պոխյոլայի տերը զայրացած դիմեց Լեմմինկայնենին․

«Կորի՛ր, գնա իմ տանից, ես քեզ համար խնջույք սարքող չեմ։ Հեռո՛ւ քաշվիր տղամարդկանց շրջապատից, անպիտան մարդ, շո՛ւտ, վերադարձիր քո եկած ճամփով»։

Լեմմինկայնենը, այն կտրիճ Կաուկոմեյլին, պատասխանեց․

«Ոչ ոք, նույնիսկ ինձնից նվազ ուժի տեր տղամարդը, չի թույլ տա, որ իրեն տնից դուրս վռնդեն»։

Այստեղ Պոխյոլայի տերը քաշեց իր թուրն ու ասաց․

«Ով դու, կտրիճ Կաուկոմեյլի, արի մեր թրերով չափվենք, տեսնենք ո՞վ է մեզանից զորեղ, ո՞ւմ թուրն է ավելի կտրուկ»։

Այսպես պատասխանեց Լեմմինկայնենը․

«Իմ թուրը շատ կռիվներ է տեսել ու սայրերը քիչ քառթքառթ են եղել, բայց եթե դու այսպես ես ընդունում հյուրին, թող քո ասածը լինի․ չափվենք մեր թրերով․ իմ հայրը ժամանակին այս թրով շատերին է հաղթել։ Ես հորս զավակն եմ ու իմ տոհմին ամոթով չեմ անի»։

Եվ երկուսն էլ հանեցին թրերն ու չափեցին․ Պոխյոլայի տիրոջ թուրը եղունգի ծայրի չափ երկար էր։ Կտրիճ Լեմմինկայնենը ասաց․

«Քո թուրը իմնից երկար է․ առաջին զարկը քոնն է»։

Պոխյոլայի տերը հենց այդտեղ, խրճիթում, քաշեց թուրն ու զարկեց կտրիճ տղային, բայց ոչ մի վնաս չտվեց նրան, քանի որ թրի երկար ծայրը դիպավ գերաններին ու թափը կոտրվեց։

Լեմմինկայնեն ասաց․

«Գնանք դրսում կռվենք, որ մեր զարկերը դիպուկ լինեն, թե չէ գերաններն ի՛նչ մեղավոր են, որ թուրդ նրանց հարվածում է»։

Ելան բակը, գտան մի կովի կաշի, փռեցին գետնին, որ նրա վրա կռվեն։

Կզաբնակ կտրիճ Լեմինկայնենն ասաց․

«Լսի՛ր, որ Պոխյոլայի տեր, քո թուրն ավելի երկար ու ավելի զորեղ է, ուրեմն օգտվիր այդ բանից․ քանի դեռ գլուխդ ուսերի վրա է, համարձակ եղիր, խփի՛ր»։

Եվ Պոխյոլայի տերը զարկեց մեկ անգամ, երկրորդ, ապա երրորդ անգամ, բայց նրա թուրը կպչում էր կտրիճ տղայի թրին, կամ ճարմանդավոր հագուստին․ ինչքան էլ պոխյոլացին փորձեց, չկարողացավ տղայի մարմինը քերծել։

Կտրիչ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին, ասաց․

«Այժմ հերթն իմն է, հիմա ես կփորձեմ»։

Պոխյոլայի տերն էլ ոչինչ չի ուզում լսել, ինչքան ուժ կա՝ մեջը խփում, հա խփում է, բայց էլի կտրիճին չի կարողանում վնասել։

Վերջապես Լեմմինկայնենը քաշեց կայծակնացայտ թուրը և թրի փայլը լուսավորեց չորս կողմը։

Պոխյոլայի տերը մի պահ շշմած նայում էր փայլփլուն թրին։

Լեմմինկայնենը գոչեց․

«Իմ թուրը շողք է արձակում, ինչպես արևն է շողք արձակում լուսադեմին․ բայց դաժան մա՛րդ, իմացիր, վերջին անգամն է, որ քո աչքերը տեսնում են արևի լույսը»։

Ասաց և մեկ դիպուկ հարվածով Պոխյոլայի տիրոջ գլուխն այնպես անջատեց մարմնից, ինչպես շաղգամն են արմատից պոկում, ինչպես հասկն են ցողունի վրայից կտրում։

Տղան չորս կողմը նայեց, տեսավ, որ բակը լիքն է հարյուրավոր ցցերով և ամեն ցցի վրա մի գլուխ է անցկացված։ Զայրացավ Լեմմինկայնենը․ մեկ էլ նայեց ու տեսավ, որ միայն մի ազատ ցից կա։ «Այս ցիցն ինձ համար էիր պահել, հա՛ դե, կե՛ր» ― ասաց տղան, վերցրեց Պոխյոլայի տիրոջ գլուխը և խրեց այդ ցցի վրա։

Այն կտրիճ տղան նորից խրճիթ մտավ ու ասաց․

«Ո՛վ աղջիկ, ջուր բեր, որ ձեռքերս լվանամ֊մաքրեմ այդ անպիտան մարդու արյունից»։

Երբ այս բանն իմացավ Պոխյոլայի ջադու տիրուհին, գազազեց․ կատաղեց, հարյուրավոր զինված մարդիկ ոտքի հանեց, որ Լեմմինկայնենի գլուխը կտրեն։ Տղան հարմար պահին նահանջեց, որ թողնի հեռանա այդ աշխարհից, քանի որ դժվար էր ջահել կտրիճին մենակ այդքան մարդու դեմ կռվել։

Ռունա ԻԸ

Լեմմինկայնենը պատսպարվում է հեռավոր կանաչ կղզում

Լեմմինկայնենը, ոնց որ ծուխը, դուրս եկավ Պոխյոլայի տիրոջ բակից։ Բայց ինչքան փնտրեց, ձին չգտավ, որ հեռանա այս աշխարհից։

Ո՞վ Է արդյոք, որ պիտի նրան խորհուրդ տա․ ինչ անի, որ գլուխը չկորցնի, որ փրկվի այս փորձանքից․ չորս կողմից լսում էր սարսափելի աղմուկ․ ամեն լուսամուտից խոլորած աչքերով նրան էին նայում կատաղած մարդիկ, արդեն լսվում էր զենքերի շառաչը։

Պետք էր մի ուրիշ կերպարանք առնել, որպեսզի կարողանար ազատվել այդ գազազած մարդկանց ճանկերից։ Եվ ուրախ Լեմմինկայնենը այսպիսի աղոթքով դիմեց Ուկկո աստծուն։

«Ով դու Ուկկո, իմաստուն հաստիչդ երկնային, ամպերն ու կայծակները քո հրամանով են շարժվում։ Ինձ թևեր տուր, որ երկնքի վրայով թռչեմ և իմ հայրենիքն հասնեմ, գնամ իմ պառավ մայրիկին տեսնեմ»։

Ուկկո աստվածը լսեց նրա խնդիրը։ Կտրիճ տղան արծվի կերպարանք առավ և ամպերի միջով սկսեց թռչել դեպի տուն։ Թռավ, թռավ, մեկ էլ տեսավ իր ետևից ուզում է հասնել գորշ ճուռակը։ Եվ այդ ճուռակի աչքերը փայլատակում էին ճիշտ Պոխյոլայի տիրոջ աչքերի նման, այն տիրոջը, որի գլուխն ինքը կտրեց քիչ առաջ։

Ճուռակն ասաց․

«Է՛յ, ուրախ Կաուկո, հո չե՞ս մոռացել, որ քիչ առաջ մենք իրար հետ թունդ կռվի մեջ էինք»։

Լեմմինկայնենը պատասխանեց․

«Ով դու ճուռակ, հապա ե՛տ դարձիր, թռիր հասիր այնտեղ, որտեղից եկել ես, և երբ հասնես այդ մռայլ Պոխյոլան, բոլորին պատմիր, որ արծվին երբե՛ք չի կարելի հաղթել օդի բարձրունքներում»։

Արծվակերպ Լեմմինկայնենը շարունակեց թռիչքը և հասավ իրենց տունը։

Մայրը նրան ընդառաջ եկավ և տեսնելով, որ տղան շատ տխուր էր, ասաց․

«Դու իմ կրտսեր տղան ես, բայց բոլորից ուժեղն ես․ ինչո՞ւ այդպես տխուր ես վերադարձել Պոխյոլայից։ Չլինի՞ թե Պոխյոլայի խնջույքում քեզ բանի տեղ չեն դրել և գարեջուր էլ չեն տվել․ դե, որ այդպես է, վերցրու ահա՛ այս թասը․ դա հայրդ կռվի դաշտից էր բերել և դրանով էր գարեջուր խմում, լցրու և խմիր, ինչքան քեֆդ կուզի»։

Տղան պատասխանեց․

«Եթե ինձ անտես անեին և գարեջուր չտային, ես տանտիրոջ հետ հաշվի կնստեի և հարյուր կտրիճի պատասխանը կտայի»։

Մայրն ասաց․

«Ինչո՞ւ համար ես այդպես տխրել․ չլինի՞ թե ձին վատն էր ու նեղ տեղում չկարողացավ քեզ օգնել․ որ այդպես է հորիցդ մնացած փողերով մի նոր, ավելի լավ ձի գնիր»։

Տղան պատասխանեց․

«Իմ սիրելի մայրիկ, եթե ձիս վատ լիներ և ինձ չօգներ, խայտառակեր, ես մյուս ձիավորների բոլոր ձիերն էլ կփչացնեի, որ ոչ մեկը չպարծենար, թե իմ ձիուց լավն է իր ձին»։

Մայրը կրկին հարցրեց․

«Ինչո՞ւ այդքան տխուր ես և ինչո՞ւ այդպես հանկարծ վերադարձար Պոխյոլայից։ Չլինի՞ թե այնտեղի կանայք և աղջիկները քեզ ծաղր ու ծանակել են․ եթե այդպես է, ապա անամոթներին պետք է մի լավ դաս տալ»։

Լեմմինկայնենը պատասխանեց․

«Իմ անգին մայր, եթե կանայք ու աղջիկներն ինձ ծաղր ու ծանակեին, ես ինքս կարող էի բոլորին՝ հարյուրը, թե հազարը լինեին, ավելի թունդ ծաղրել ու ծանակել նրանց»։

Մայրն էլի անհանգիստ էր, հարցրեց․

«Հապա ի՞նչ է պատահել, գուցե Պոխյոլա գնալիս ճամփին փորձանք է եկել գլուխդ, գուցե չափից ավելի ես կերել֊խմել․ կամ էլ թե չէ գեշ երազնե՞ր ես տեսել»։

Ուրախ Լեմմինկայնենն այսպես պատասխանեց․

«Թող միամիտ կանայք վախենան գեշ երազներից, գիշերով, թե ցերեկով, ինչ տեսակ երազ էլ տեսնեմ, դրանից չեմ վախենա։ Իմ անգին մայրիկ, դու պարկի մեջ ալյուր և աղ դիր, քո որդին քեզ պետք է հրաժեշտ տա և թողնի հարազատ տունն ու գնա պատսպարվի մի հեռու վայրում․ հարյուրավոր մարդիկ թրերն ու նիզակներն են սրել, որ ինձ սպանեն։

Մայր տագնապած հարցրեց․

«Ինչո՞ւ ես այդպես շուտ ուզում հեռանալ քո հայրական տանից․ և ինչո՞ւ են ուզում քեզ սպանել»։

Կտրիճ Կաուկոմեյլին, նույն ինքը Լեմմինկայնենը, պատասխանեց․

«Ես վեճի բռնվեցի Պոխյոլայի տիրոջ հետ և ազնիվ կերպով մենամարտեցի։ Դե, գիտես քո որդու ուժը․ մենամարտում սպանեցի այդ դաժան պոխյոլցուն․ ա՛յ, դրա համար էլ նրա ատամնաթափ կինը հավաքել է հարյուր և հարյուր նիզակավոր, հարյուր և հարյուր թրերով֊բրերով զինված մարդիկ։ Նրանք բոլորը գալիս են ինձ վրա․ ես արդեն շատ փորձություններ տեսել և հոգնել եմ․ մեն֊մենակ չեմ կարող դիմադրել այդքան զինված բազմությանը»։

Ահա՛, թե ինչ ասաց նա որդուն․

«Չէ՞ որ ես քեզ ասացի, նախազգուշացրի, որ չգնաս այդ կախարդների երկիրը․ այստե՛ղ, քո պառավ մոր մոտ, քո հարազատ հարկի տակ դու հանգիստ կապրեիր և կռվից ու փորձանքից հեռու կլինեիր։ Բայց որտե՞ղ պիտի գնաս, իմ ազիզ որդի, որ ազատվես չարագործների ձեռքից, որ նրանք քեզ չգտնեն և չսպանեն»։

Տղան պատասխանեց․

«Ես դեռ չգիտեմ, որտեղ պատսպարվեմ, որ ազատվեմ այդ գազազած մարդկանց սարսափելի վրեժից։ Թանկագին մայր, ի՞նչ բարի խորհուրդ կտաս, ո՞ւր գնամ, որտե՞ղ պատսպարվեմ»։

Մայրն ասաց․

«Ախր որտե՞ղ ուղարկեմ, որտե՞ղ թաքցնեմ քեզ, սիրելի որդի, թ կեչու ծառ դառնաս, միևնույն է փայտահատը կգա, ծառը կկտրի և կջարդի ու կտանի, կվառի։

Թե անտառի խորքում լաստենի կամ փշատերև դառնաս, այնտեղ էլ մարդիկ կգան, ամեն տեսակ ծառ ու թուփ արմատից կկտրեն, գետինը կվարեն, որ ցանք անեն։

Թե անտառի պտուղ՝ մորի կամ հապալաս դառնաս, ինչքան էլ թփերի արանքում թաքնվես միևնույն է, աղջիկներն ու չարաճճի տղաները կգան, կգտնեն քեզ և ինչպես քաղցրահամ պտուղ՝ կուտեն։

Թե գայլաձուկ կամ սիգ դառնաս և լող տաս ծովի կապույտ ջրերում, այնտեղ էլ փորձանքի կհանդիպես, կտրիճ ձկնորսն ուռկանը կնետի, քեզ կբռնի և կրակի վրա կխորովի և կուտի։

Թե գորշ գայլ կամ թավամազ արջ դառնաս և թաքնվես անտառի թավուտներում, այնտեղ էլ փորձանք կգա գլխիդ։ Կտրիճ որսորդը քեզ կհետապնդի և սուր նիզակով կսպանի»։

Ուրախ Լեմմինկայնենը այսպես պատասխանեց մորը․

«Սիրելի մայրիկ, թե որտեղ է վտանգավոր և որտեղ իմ թշնամիները վրա կհասնեն և ինձ կսպանեն, այդ ես լավ գիտեմ։ Մայր իմ անգին, դո՛ւ ես ինձ կյանք պարգևել, կաթովդ սնել ու մեծացրել, ասա՛, ո՞ւր գնամ, որտե՞ղ թաքնվեմ, քանի շուտ է ասա՛, թե չէ վաղը ուշ կլինի, թշնամիները վրա կհասնեն և ապա գլուխս ուսերիս վրա չի լինի»։

Մայրն այսպիսի խորհուրդ տվեց․

«Գիտեմ մի այդպիսի աշխարհ, որտեղ թաքնվում և պատսպարվում են այն մարդիկ, որոնց հետապնդում են․ դա մի փոքրիկ, չար մարդկանց աչքից հեռու կղզի է․ այնտեղ մարդիկ հաշտ են ապրում․ ոչ վեճ ունեն, ոչ էլ իրար խարդավանում են․ երբեք սուր չի շաչել այնտեղ։ Բայց հիմա անկեղծորեն, մաքուր սրտով երդվիր, որ վեց տարի հետո էլ, տաս տարի հետո էլ, դու այլևս սուր չես առնի ձեռքդ․ կռիվ չես գնա, ինչքան էլ ուզենաս ոսկու և արծաթի տիրանալ»։

Լեմմինկայնենը պատասխանեց․

«Երդվում եմ անկեղծ ու մաքուր սրտով, ոչ եկող ամռանը, ոչ էլ վեց կամ տաս տարի անց սուր չեմ առնի ձեռքս, եթե ինձ չհարկադրեն․ անցած կռիվներից դեռ վերքեր կան մեջքիս ու կրծքիս վրա, ուզում եմ գնալ, խաղաղ ապրել»։

Մայրն այսպես խոսեց․

«Դե, հիմա, սիրելի զավակս, գնա նստիր հորդ նավակը և նավարկիր դեպի բաց ծովը։ Իննը ծով կանցնես և երբ կհասնես տասերորդին, ծովի մեջտեղում մի կանաչ կղզի կտեսնես։ Ժամանակին այդտեղ պատսպարվել է քո հայրը։ Երբ ուրիշները կռվի մեջ էին, հայրդ այնտեղ հանգիստ ապրում էր․ դու էլ այնտեղ կապրես մեկ տարի, երկու տարի և երրորդ տարին կվերադառնաս հորական օջախը, մորդ գիրկը»։

Ռունա ԻՖ

Կանաչ կղզում ուրախ կյանքով է ապրում Լեմմինկայնենը․ երբ վերադառնում է հայրենիք, տեսնում է, որ Պոխյոլացիք իր հորկան օջախն այրել֊ ամայացրել են․ անտառում է գտնում է թշնամիներից ճողոպրած մորը

Ահա ուրախ Լեմմինկայնենը պարկի մեջ դրեց խոզի միս, ալյուր և աղ․ մի աման յուղ վերցրեց, մի աման մեղր, այնպես որ երկու֊երեք տարի ոչ մի բանի նեղություն չքաշի։

Ապա գրկեց մորն ու ասաց․

«Իմ սիրելի մայրիկ, երեք տարով հեռանում եմ քեզանից․ գիտեմ, եթե այստեղից բացակայեմ, մեր վարելահողում օձեր կվխտան, անտառում եղջերուներն ազատ կվազվզեն, գետում սագերը կլողան և նրանց որսացող չի լինի։ Եթե Պոխյոլայից չար մարդիկ գան ինձ որոնելու, ասա՛, որ գնացել եմ հեռու, անհայտ աշխարհ և ոչ մի լուր չունես ինձնից»։

Նա բարձրացրեց առագաստը և նավակն առաջ սուրաց ծովի կապույտ ջրերի վրայով։ Ինքը նստեց ղեկի մոտ, որ նավակին ուղղություն տա, և այսպիսի խոսքեր ասաց․

«Իմ նավակ, սուրա ալիքների վրայով, ո՜վ դու բարենպաստ քամի, առաջ մղիր իմ նավակը, թող այն թռչի ինչպես թռչունը և շուտով հասնի այն հեռավոր, անանուն կղզին»։

Քամիներն առաջ մղեցին նավակը և նավը սուրաց ծովի վրայով մեկ ամիս, երկու ամիս և երրորդ ամսին արդեն հասավ կղզին։ Հրվանդանի մոտ կանգնած էին երեք աղջիկներ և հայացքները ծովին էին հառել։ Մեկն սպասում էր եղբորը, մյուսը հորը․ երրորդ աղջիկն ամենից անհամբերն էր․ նա սպասում էր իր փեսացուին։

Աղջիկները տեսան նավակով մոտեցող Լեմմինկայնենին, մտածմունքի մեջ ընկան և ասացին․

«Այս ի՞նչ նավակ է օրորվում մեր ծովի վրա։ Ա՛յ նավակ, եթե քո տերը մեր կղզու բնակիչն է, ապա շուտ դարձիր դեպի ափը, մտիր նավահանգիստը։ Մենք ուզում ենք իմանալ, թե ինչ նորություններ կան ծովի այն կողմում․ մենք ուզում ենք խաղաղ ապրել, հո չե՞ն ուզում կռիվ սկսել»։

Բարենպաստ քամին բարձրացավ․ Լեմմինկայնենը նավակը հասցրեց ծովափին և հարցմունք արավ աղջիկներին․

«Կղզու վրա հարմար տեղ կա՞, որ նավակս ափ հանեմ»։

Կղզու աղջիկները պատասխանեցին․

«Մեր կղզու ափին շատ հարմար տեղ կա, որ նավակդ ծովից դուրս քաշես․ մի նավակ ափ հանելն ի՛նչ բան է․ եթե հարյուր նավակ էլ լիներ, նույնիսկ հազարը, մեր ցամաքի վրա տեղ կճարվեր»։

Լեմմինկայնեն այդ խոսքերի վրա թռավ ափը, նավակը քաշեց ցամաքի վրա և դիմեց աղջիկներին․

«Ձեր կղզու վրա մի այնպիսի հարմար տեղ կճարվի՞, որտեղ կարողանա թաքնվել միայնակ տղամարդը, որը չի կարող անհավասար կռվի մեջ մտնել զենք շաչեցնող հարյուրավոր ռազմիկների հետ»։

Կղզու աղջիկները պատասխանեցին․

«Մեր կղզու վրա շատ հարմար տեղեր կան, ուր կարող է պատսպարվել ոչ թե մեկ, այլ մեր գյուղերում և ամրոցներում կարող են պատսպարվել հարյուր, այո՛, նույնիսկ հազար հերոս»։

Ուրախ Լեմմինկայնենը նորից հարցմունք արավ․

«Ձեր կղզու վրա կա՞ մի անտառապատ վայր, ուր ես գնամ՝ կեչիները և մյուս տեսակի ծառերը կտրեմ, բացատի հողը մշակեմ, վար ու ցանք անեմ»։

Այս հարցին աղջիկները պատասխանեցին, թե իրենց կղզու անտառներում վաղուց են բացատներ ստեղծել և վար ու ցանք արել․ այնպես որ տեղի բնակիչները վիճակ գցելով կղզու բոլոր արտերն ու մարգագետինները բաժանել են իրար մեջ և ամեն կտոր հողն ունի իր տերը։

Կտրիճ Լեմմինկայնենը նոր հարց տվեց․

«Իսկ ասեք, խնդրեմ, ձեր կղզու վրա, ձեր դաշտերում կա՞ մի այնպիսի տեղ, ուր ես կարողանամ երգել․․․ թե իմանաք, ինչպե՜ս եմ ուզում երգել»։

Կղզու աղջիկները պատասխանեցին․

«Մեր կղզում շատ տեղեր կան, թե դաշտերում, թե պուրակներում, ուր կարող ես և՛ երգել, և՛ պարել, ինչքան քեֆդ ուզի»։

Ուրախ Լեմմինկայնենը սկսեց երգել։ Այնքան թովիչ էին նրա երգերը, որ ծառերի տերևները ավելի փարթամացան, թփուտներում պտուղներն ավելի առատ ու քաղցրահամ դարձան։ Կկուներն անգամ ավելի դուրեկան գեղգեղացին՝ կարծես թե նրանց կտուցենրից ոսկեգույն մեղր էր ծորում։

Լեմմինկայնեն ավելի ոգևորվեց․ սկսեց կախարդական երգեր երգել․ նրա երգի հմայքից քարերն փայլփլեցին՝ մարգարիտներ դարձան, իսկ պուրակներում՝ վարդերի բուրմունքն աշխարհքն բռնեց։

Նորից երգեց և այս անգամ բակում ոսկյա կափարիչով մի ջրհոր ստեղծեց․ կափարիչի վրա էլ դրեց մի ոսկյա թաս, որ տղաները գան ջուր խմեն զովանան, աղջիկներն էլ այդ պաղ ջրով երեսները լվանան, թարմանան։

Կղզու աղջիկները հիացել էին Լեմմինկայնենի երգերով և նրա կախարդանքներով։

Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին, ասաց աղջիկներին․

«Ես ավելի լավ կերգեի, եթե հավաքվեինք մի տան մեջ․ կնստեի սեղանի մոտ և ինչքան շնորհք ցույց եմ տվել մինչ այս օրս, ավելի կարող էի ցույց տալ, թե չէ երգս գնում կորչում է դաշտերում և անտառի թավուտներում»։

Կղզու աղջիկները պատասխանեցին․

«Քեզ համար ընդարձակ բակով լավ տուն կճարենք, որպեսզի ավելի լավ երգեր երգես»։

Հենց որ տուն մտան, Լեմմինկայնենը կախարդական խոսքեր ասաց և սեղանը լցվեց ամեն տեսակ կերակուրներով․ էլ խոզի միս, էլ մեղր, էլ կարագ՝ ինչքա՜ն ուզես։ Սեղանին երևացին նաև թասեր՝ լիքը գարեջրով։

Լեմմինկայնեն այստեղ արդեն հասկացրեց, որ ինքը սովոր է միսը կտրատել ոսկե դանակով, որի դաստակն էլ պետք է արծաթից լինի։

Կերավ խմեց և էլի այնքան երգեր երգեց, որ գանգրահեր աղջիկները խելքամաղ եղան․ որ կողմը շուռ է տալիս գլուխը, մի սիրունիկը պատրաստ է համբուրվել նրա հետ, մեկը մյուսի առաջն է կտրում, որ նրա հետ մտերմանա։

Շատ գյուղեր կային կղզում և ամեն մի գյուղում տասը տուն ու բակ։ Ամեն տանն էլ կային սիրունիկ աղջիկներ, ինչպես նաև ջահել այրիներ։ Հազար աղջիկների և հարյուրից ավելի այրիների նա հրապուրեց։

Լեմմինկայնեն այսպես անհոգ և ուրախ էր անցկացնում իր օրերը կղզում․ աղջիկները նրա արևով էին երդվում, այրիները նրանով էին մխիթարվում։

Գյուղերից մեկում ապրում էր մի լռռցած աղջիկ։ Լեմմինկայնենը միայն նրա վրա ուշադրություն չդարձրեց, միայն նրան չմխիթարեց։

Հասավ ժամանակը, որպեսզի Լեմմինկայնենը տուն վերադառնա։ Եվ ահա նրա մոտ եկավ լռռցած աղջիկն ու ասաց․ «Կաուկո, սիրունիկ երիտասարդ, եթե ինձ մոռանաս, ապա կցանկանամ, որ քո նավակը ծովում ժայռի դիպչի ու խորտակվի»։

Բայց Կաուկոն մութ գիշերին տանից դուրս չգնաց, որ այդ աղջկան մխիթարի։

Վերջում միտքը փոխեց և որոշեց մի գիշեր, նախքան աքլորը կկանչի, վեր կենալ, գնալ լռռցած աղջկա տունը՝ նրան մխիթարել։

Մութ գիշերին, Լեմմինկայնենը մեն֊մենակ, տնե֊տուն անցավ և ի՜նչ տեսնի, բոլոր տներում հավաքվել են տղամարդիկ, սրերն են սրում, կացիններն են հեսանում, որ իր դատաստանը տեսնեն։

Այստեղ Լեմմինկայնենը շատ մտահոգվեց և ինքն իրեն խոսեց․

«Արև, դու կծագես, քո փայլը կարձակես, երկիրը կլուսավորես և նորից մայր կմտնես, իսկ ես ի՞նչ անեմ, ինչպե՞ս պաշտպանվեմ այդքան մարդկանցից։ Հազար կտրիճ է զինվել, որ իմ օրը խավարեցնի»։

Էլ ժամանակ չկար լռռած աղջկա տունը գնալու, նրան մխիթարելու։ Շտապ շուռ եկավ, գյուղի փողոցներով փախավ գնաց ծովափ, այնտեղ, ուր նավակն էր թողել․ բայց ի՞նչ տեսնի․ գյուղի տղամարդիկ նավակն այրել, մոխիր էին դարձրել։

Բայց վտանգը շատ մեծ է․ պետք է րոպե առաջ ազատվել․ մտադրվեց նոր նավակ սարքել, բայց որտեղի՞ց տախտակ ճարի։ Լավ էր, մի կողմում տեսավ մի քանի մանր֊մունր տախտակներ, մի քանի հատ էլ կոտրած թեշիկներ։

Տղան ինչ շնորհք ուներ՝ գործադրեց․ մեկ հարվածով նավակի հատակը սարքեց, մյուսով նավակի կողերն ու ղեկը տեղը բերեց, երրորդ հարվածով նոր նավակն արդեն լրիվ պատրաստ էր։

Լեմմինկայնենը նավակը հրեց դեպի ծովը և այսպես խոսեց․

«Նավակ իմ, ինչպես պղպջակը, լողա՛ ալիքների վրայով․ իսկ դու վերասլաց արծիվ, երեք հատ փետուր տուր, որ նավակիս համար ծածկ լինի»։

Երբ նստեց նավակը և ուզում էր թիավարել, մի քանի աղջիկներ վրա հասան և չէին ուզում թողնել, որ նա հեռանա իրենց կղզուց․ նրանք ասացին․

«Ինչո՞ւ ես գնում, կտրիճ Լեմմինկայնեն, մի՞թե այստեղի աղջիկները քեզ դուր չեկան»։

Լեմմինկայնենը պատասխանեց․

«Ո՛չ, այստեղի աղջիկները շատ լավն էին և շատ էլ բարյացակամ էին դեպի ինձ, բայց անպայման պիտի վերադառնամ։ Շատ եմ կարոտել իմ հայրենիքին, ուզում եմ գնալ իմ տուն ու տեղին, ուզում եմ մորին պոկել մեր անտառներից, հացն աճեցնել մեր արտերում․ ուզում եմ, որ մեր բակում հավեր բազմանան և այո՛, կարոտել եմ իմ հայրենի աղջիկներին»։

Լեմմինկայնենը շատ սիրալիր հրաժեշտ տվեց աղջիկներին։ Լաց եղան աղջիկները, որ կտրիճ տղան հեռանում է իրենցից․ Լեմմինկայնենն էլ տխրեց, բայց այլևս անհնար էր մնալ, մի կողմից կղզու այրերն էին սպառնում, մյուս կողմից հայրենիքի և մոր կարոտն էր քաշում։

Եվ նավակն առաջ սուրաց․ երեք օր, երեք գիշեր անդադրում թիավարում էր Լեմմինկայնենը․ հանկարծ ուժեղ փոթորիկ բարձրացավ, նավակն ալիքների զորեղ հարվածից ջարդ ու փշուր եղավ․ Լեմմինկայնենը ծովն ընկավ և սկսեց լողալ փոթորկոտ ծովում։ Ցերեկը լողաց, գիշերը լողաց և լուսադեմին մի կղզի տեսավ։ Հոգնած֊դադրած ափ ելավ, մտավ հենց մոտիկ տունը։ Աղջիկները խմոր էին հունցում, իսկ մայրը հաց էր թխում։

Լեմմինկայնենն ասաց․

«Ո՛վ դու բարի տանտիկին, գիշեր֊ցերեկ լող տվի բաց ծովում․ լավ էր փոթորիկն ինձ վնաս չտվեց, ալիքներն էլ պահպանեցին իրենց մեջքին․ բայց թե իմանաս ինչպե՞ս եմ սովածացել, որ էլ ասելու չէ․․․ դե, բարի տանտիկին, ինձ համար մի կտոր տապակած խոզի միս բեր, յուղ բեր։ Մեծ թասով էլ գարեջուր բեր, որպեսզի հերոսն ուտի և ուժերը տեղը գան»։

Բարի տանտիկինը գնաց մառանը և բերեց ինչ որ ուզեց հերոսը։ Լեմմինկայնենը ախորժակով կերավ խոզի միսը, կարագը և մի կուշտ էլ գարեջուր խմեց։

Բարի տանտիկինը հերոսին նոր նավակ տվեց։ Կտրիճ Լեմմինկայնենը իսկույն նստեց նավակը և զորեղ թևերով սկսեց թիավարել, որպեսզի օր առաջ հասնի հայրենի աշխարհը։

Եվ ահա՛ կտրիճ տղան վերջապես հասավ իր հայրենի կղզին։ Բոլորը, բոլորը ծանոթ են․ և՛ նավահանգիստը, և՛ բլուրները, և՛ անտառի ծառերը։ Բայց ինչքան նայեց՝ իր հորական տունը չտեսավ․ իրենց տան տեղն այժմ մոլախոտեր էին բուսել, բակում հազիվ էին ծիլ արձակել մի քանի եղևնիներ, իսկ ջրհորի շուրջն ու բոլորը ծակող փշեր էին ցցվել։

Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին այսպիսի կարոտալի խոսքեր ասաց․

«Ինչքա՜ն եմ խաղացել այս պուրակում, ինչքա՜ն եմ թռչկոտել այս քարերի վրա։ Հապա այս մարգագետնի կանաչ խոտերի մեջ ինչքա՜ն եմ թավալ տվել։ Ա՜խ, ո՞վ է քանդել իմ հայրական օջախը, ո՞վ է այրել֊մոխիր դարձրել մեր տունն ու տեղը և փոշին քամուն տվել»։

Եվ գիշեր ու ցերեկ ողբում, լաց էր լինում կտրիճ տղան․ ողբում էր ոչ թե քանդված տան համար, այլ հարազատների համար, որոնք մի ժամանակ ապրում ու շենացնում էին այդ տունը։

Տեսավ, որ մի արծիվ է թռչում գլխավերևում, տղան վեր նայեց ու հարցրեց․

«Ով դու թռչուններից զորեղը, չե՞ս կարող արդյոք ասել, թե ի՞նչ պատահեց իմ մորը, որտե՞ղ է նա, իմ հարազատ մայրը, որ ինձ աշխարհ է բերել, սնել ու մեծացրել»։

Բայց անբան թռչունը ոչինչ չի կարող ասել, միայն ա՛յն, որ կտրիճի հարազատներին ոչնչացրել են սրերով ու տապարներով։

Լեմմինկայնենը ողբաձայն ասաց․

«Ա՛խ, իմ անուշիկ մայր, դու որ ինձ կրել ես քո կրծքի տակ, աշխարհ բերել և սնուցել ես, ո՞ւր ես։ Մայրս չի լսում իմ ձայնը․ ուրեմն մեռել է, հա՞։ Ա՜խ, նրա մարմինը հող է դարձել․ նրա գերեզմանի վրա արդեն եղևնիներ են աճում, շուրջ֊բոլորը ուռիներ են բարձրացել, ոտքերի կողմն էլ փշատերևներ։ Եվ այս բոլորը նրա համար, որ ես գնացի այն դաժան աշխարհը՝ Պոխյոլան և սւորս գործի դրի։ Դրա հատուցումն այն էր, որ նրանք իմ տոհմը սրի քաշեցին, իմ խեղճ֊պառավ մորն սպանեցին»։

Եվ այսպես տխուր֊տրտում նա ման էր գալիս քարուքանդ եղած հորական տան շուրջը։ Եվ հանկարծ ի՜նչ նկատի, խոտերի միջով մի արահետ ընկավ աչքին։

Լեմմինկայնենը այդ արահետով գնաց․ ճամփան տանում էր անտառը՝ մինչև նրա թավուտները։ Մի քիչ էլ գնաց, հասավ երկու բլուրի և դրանց արանքում մի խրճիթ՝ չորս բոլորը եղևնիներ։

Տղան սրտատրոփ ներս մտավ և ի՜նչ տեսնի․ իր մայրը բոլորովին ճերմակած մազերով նստած է այդտեղ։ Լեմմինկայնենը շատ ուրախացավ և այսպես խոսեց․

«Իմ անուշ հարազատ մայրիկ, դու որ անքուն գիշերներ ես լուսացրել իմ օրորցի մոտ, հենց գիտեի, թե թշնամիները քեզ սպանել են․․․ ա՜խ, ինչքան եմ լացել, ինչքա՜ն եմ ողբացել»։

Մայրն այսպես խոսեց․

«Ինչպես տեսնում ես փրկվել եմ։ Հենց որ Պոխյոլացիների զենքերի շառաչը լսեցի, եկա թաքնվեցի անտառի թավուտներում։ Նրանք քե՛զ, իմ խեղճ որդի, քե՛զ էին փնտրում։ Քեզ որ չգտան, գազազեցին և մեր տունն ավերեցին, քար ու քանդ արին»։

Լեմմինկայնենը մորը հանգստացրեց․

«Իմ սիրելի մայրիկ, մոռացիր եղածը, ես որ եկել եմ, թող վիշտն այլևս քեզ չտանջի։ Շուտով ես քեզ համար ավելի լավ տուն կսարքեմ, դու հանգիստ կապրես, իսկ ես կերթամ Պոխյոլա, այդ նենգ մարդկանց դատաստանը կտեսնեմ»։

Մայրը տագնապեց և այսպես խոսեց․

«Իմ ազիզ որդի, էլ ո՛ւր ես գնում․ ախր քանի տարի է, դու բացակայել ես տանից, օտար աշխարհներում ես թափառել, այն հեռավոր, անանուն կղզում ուրիշի տան դուռն ես բախել»։

«Ճիշտ է, օտարության մեջ էի, բայց շատ հաճելի օրեր եմ անցկացրել այդ հեռավոր անանուն կղզում։ Այնտեղ ծառերը միշտ դալար են, դաշտերը միշտ կանաչ, վարդերը կարծես ոսկուց լինեն։ Նրանց ծառերից մեղր է ծորում, ամեն ինչ առատ է, ինչքան կուզես յուղ ու կաթ, ուզածիդ չափ ձու և մսեղեն կա․ իսկ ընտիր գարեջուրն ադեն հոսում է, ինչպես աղբյուրի ակից զուլալ ջուրը։

Թեև լավ էի ապրում այդ կղզում, բայց չէի կարող մնալ։ Սկսեցին ինձ հետապնդել, իբրև թե այդ կղզու աղջիկներին ես հանգիստ չէի տալիս և գիշերները նրանց այցի էի գնում։ Ես էլ արդեն շատ էի կարոտել քեզ, սիրելի մայրիկ և հայրական օջախիս․ դրա համար էլ ուզում էի օր առաջ տուն հասնել»։

Ռունա Լ

Լեմմինկայնենը իր վաղեմի հավատարիմ բարեկամ Տիերի հետ նորից կռիվ է գնում պոխյոլցիների դեմ

Մի առավոտ լույսը դեռ նոր էր բացվել՝ Լեմմինկայնենը գնաց նավահանգիստ։ Աչքին ընկավ ափին մնացած նավակը․ մոտեցավ թե չէ, նավակը ձայն տվեց,

«Ինչա՞ն պիտի այսպես ընկած մնամ ծովափին, մնամ ու չորանամ։ Ահա՛ վեց տարի է անցել, շուտով կլրանա տաս տարին, ինչ Կոուկոմեյլին կռիվ չի գնացել․ ինչ է, էլ կարիք չունի՞ արծաթի կամ ոսկու»։

Այստեղ կտրիճ Լեմմինկայնենը բրդե ձեռնոցը նետեց նավակի մեջ և ասաց․

«Դու նոճուց սարքած նավակ, որ այդքան ամրակուռ կողեր ունես, այդպես թեք ընկած չես մնա, շուտով, դեռ մեկ օր էլ չանցած թիավարները քեզ ծովը կիջեցնեն և կտանեն այնտեղ, ուր թեժ կռիվ է լինելու»։

Եվ Լեմմինկայնենը իսկույն տուն գնաց և մորն ասաց․

«Իմ սիրելի մայրիկ, սիրտս հանգիստ չէ, որ չարը մնում է անպատիժ․ միտք եմ արել գնալ Պոխյոլա, ոչնչացնել այդ անպիտանների տոհմը, որ էլ մարդկանց չդժբախտացնեն․ դե, անուշ մայրիկ, մի տխրիր, որ զավակդ էլի կռվի դաշտ է գնում»։

Մայրը չէր ուզում որդուն թողնել․ տագնապած պառավն այսպես խոսեց․

«Սիրելի որդիս, գլուխդ էլի փորձանքի մեջ մի՛ դնիր, մի՛ գնա Պոխյոլա, այդ դաժան մարդիկ քեզ կսպանեն»։

Բայց այս անգամ էլ Կաուկոն չլսեց մորը։ Երդվել էր ինչ գնով էլ լինի պոխյոլցիներից վրեժը լուծել։ Այսպես խոսեց նա․

«Որտե՞ղ գտնեմ մի լավ քաջ տղամարդ, որ կարողանա թուրը կտրուկ բանեցնե՛լ, որ այս դաժան կռվի մեջ ինձ անդավաճան զինակից լինի։ Իմ լավ ընկերը, անձնվեր բարեկամս է եղել Տիերը․ ա՛յ, հենց նրան էլ կասեմ, որ ինձ ընկերանա․ նա լավ կռվող է և զորեղ զինակից»։

Ասաց, և անմիջապես գնաց գյուղամեջ, մտավ ընկերոջ տունն ու դիմեց վաղեմի բարեկամին․

«Տիեր, դու իմ սիրելի, թանկագին ընկեր, հիշո՞ւմ ես, չէ, թե ինչպես ես և դու մի անգամ թունդ կռվի մեջ էինք․ մի գյուղ մտանք, որտեղ հարյուրից ավելի քաջ տղամարդիկ կային, բոլորի դեմ մենք երկուսով կռվեցինք և նրանցից ոչ մեկը չփրկվեց»։

Տիերի հայրն ու մայրը, որ տան գործերով էին զբաղված, ձայն տվին․

«Ո՛չ, մեր Տիերը հիմա ոչ մի տեղ չի կարող գնալ․ նա նոր է ամուսնացել և իր սիրունիկ կնոջ հետ դեռ մի գիշեր էլ չի լուսացրել»։

Բայց Տիերը, որ պառկած էր վառարանի կողքը, բնավ չլսեց հորն ու մորը․ պառկած տեղը մի կոշիկը հագավ, վեր կացավ մյուս ոտքինը հագավ, դռան մոտ քամարը կապեց, բակից վերցրեց նիզակը, դարպասի մոտ թռավ ձիան մեջքին։ Դաշտն հասավ թե չէ, փորձի համար ինքն ու Լեմմինկայնենը նիզակները նետեցին․ երկուսի թևն էլ զորեղ էր․ նիզակները շատ հեռու թռան և խրվեցին կոշտ հողի մեջ։

Հին զինակիցները վերստին եղբայրացած ծովափ հասան․ նավակը ջուրն իջեցրին, երկուսով թիավարեցին և շուտով հասան Պոխյոլա։

Պոխյոլայի տիրուհին կախարդանքով այնպես արավ, որ թունդ սառնամանիք լինի։ Եվ չար պառավն այսպիսի պատվեր տվեց․

«Ով դու սառնամանիք, ինչ որ ասեմ այնպես էլ արա։ Ծովի երեսին սառույց կապիր, Լեմմինկայնենի նավակն էլ թող սառույցների մեջ կաշկանդվի։ Այդ կտրիճ Լեմմինկայնենին և իր ընկերոջն էլ այնպես սառեցրու, որ տեղից չկարողանան շարժվել։ Հետո ես ինքս կտեսնեմ․ ազատե՞լ նրանց, թե այնպես անեմ, որ այդ կտրիճ հերոսը սառույցների մեջ իր մահը գտնի»

Սառնամանիքն իր դաժան թևերը տարածեց չորս կողմը․ առաջի օրը ծովախորշում և ծովի ափերին պինդ սառույց կապեց․ ջուրը ծովի խորքում դեռ չէր սառեցրել, բայց մյուս օրը ափերից հետզհետե դեպի խորքը գնաց՝ ամբողջ ծովի մակերեսը սառեցրեց․ սառույցների վրա էլ մի սաժեն ձյուն նստեց, այնպես, որ Լեմմինկայնենի նավակն էլ, ինչպես մի սառույցի կտոր, մնաց կապված֊կաշկանդված։

Սառնամանիքն արդեն մոտենում էր Լեմմինկայնենին և նրա ընկերոջը։ Ահա՛ ոտքերն ու ձեռքերը սկսում են սառչել։ Այստեղ Լեմմինկայնենը բարկացավ և ասաց․

«Ո՛վ դու սառնամանիք, հյուսիսային քամու չար ծնունդ, չհամարձակվես ոտքերիս և ձեռքերիս մատները, ականջներս ու քիթս սառեցնել, գլխիս բոլորովին չմոտենաս։ Արդեն շատ բան սառեցրել ես, բայց մարդու մարմնին չլինի թե ձեռք տաս։ Արածդ շատ դաժան բան է, չորս կողմումս ամեն ինչ սառեցրել ես։ Քեզ ասում եմ, հեռո՛ւ կորիր ինձանից․ տե՛ս, ածուխ կլցնեմ և կբորբոքեմ, այնպես որ ինձանից կսկսես հեռու փախչել։ Իմացի՛ր, շուտով ամառն ինձ օգնության կհասնի․ այն ժամանակ դու քո ամբողջ տոհմովդ կընկնես ջեռ կրակի մեջ և այնտեղ կտանջվես։ Հետո արդեն ինքս կտեսնեմ, ազատե՞լ քեզ ջեռ կրակի միջից, թե թողնեմ որ տառապես»։

Այստեղ հյուսիսային քամու որդին՝ սառնամանիքը տեսավ, որ իրեն էլ վտանգ է սպառնում, ուստի ասաց․

«Արի դաշինք կնքենք․ այսուհետև մեր կյանքում երբե՛ք իրար չվնասենք։ Ես խոսքիս տերն եմ, թե տեսնես ուզում եմ քեզ սառեցնել, կարող ես ինձ Իլմարինենի հնոցը ուղարկել, կամ ամռան ճանկը նետել, որ ես միշտ այնտեղ մնամ և ոչ ոքի չվնասեմ»։

Այս խոսքերի վրա Լեմմինկայնենը նավակից դուրս ելավ, կանգնեց սառույցին և սկսեց համարձակ քայլել դեպի ափը․ նրա ետևից ուրախ֊ուրախ սկսեց քայլել Տիերը։

Այսպես Լեմմինկայնենը ընկերոջ հետ քայլեց մեկ օր, երկու օր, երրորդ օրվա վրա երևաց մի գյուղ, որի անունն էր Քաղց։

Մի տուն մտավ Լեմմինկայնենը և ասաց․

«Այստեղ արդյոք միս կամ ձուկ կճարվի՞, որպեսզի հոգնած, ուժասպառ հերոսները ուտեն, կշտանան և շարունակեն իրենց ճամփան»։

Բայց այդ տանը և այդ գյուղում ո՛չ միս, ո՛չ էլ ձուկ կար։

Լեմմինկայնենը բարկացած ասած

«Թող կրակի ճարակ դառնա այսպիսի գյուղը, թող հեղեղը քշի տանի ձեզ բոլորիդ»։

Երկու հերոսները շարունակեցին իրենց ճամփան․ Լեմմինկայնենը ճամփին հավաքում էր բմբուլներ և ինչ փափուկ բան, որ ճարում էր, դրանցից ձեռնոցներ և գուլպաներ էր սարքում իր և իր ընկերոջ համար։

Բայց արդեն մոլորվել էին անտառում և ճամփա չէին գտնում, որ տուն վերադառնան։

Կտրիճ Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին, ասաց ընկերոջը։

«Իմ սիրելի ընկեր Տիեր․ մեր գործը թարսվեց, շաբաթներով, ամիսներով ստիպված ենք այսպես մոլորված թափառել»։

Տիերն այսպես պատասխանեց․

«Վատ տեղ ենք ընկել, մենք եկել էինք, որ դաժան պոխյոլացիներից վրեժ լուծենք, բայց ինքներս ընկել ենք փորձանքի մեջ և էլ ողջ֊առողջ չենք կարողանա մեր տուն ու տեղին հասնել։ Գնում ենք և չգիտենք, թե ուր․ տեսածներս միայն սև ագռավներն են․ սպասում են, որ մենք ուժասպառ ընկնենք մեռնենք և մեր մարմինները հոշոտեն, միսն ուտեն, ոսկորները քարերի մեջ շպրտեն։ Խեղճ մայրս չի իմանա, թե իր ազիզ որդու գլխին ինչ փորձանք է եկել, ո՞ր քարի տակ է արյունը թափվել, ո՞ր հողումն է փթել․ նա պիտի գիշեր֊ցերեկ ողբա և անմխիթար տառապի֊տանջվի»։

Հուսահատված ընկերոջն այսպես պատասխանեց Լեմմինկայնենը․

«Մի տխրիր, ով դու իմ ազնիվ ընկեր Տիեր, ոչ մի կախարդ չի կարող մեզ մեռցնել․ մենք ո՛չ մի դժվարությունից չպիտի վախենանք․․․ Ես էլ իմ մորն եմ հիշում․ ա՜խ, իմ ազիզ մայր, ինչքա՜ն եմ քեզ կարոտել, ինչքա՜ն էիր դու տառապում, որ ինձ պահես֊մեծացնես։ Ես քո ձեռքի տակ անհոգ մեծանում էի, ինչպես վարդն է փթթում թփի վրա։ Բայց հիմա այլ է իմ և ընկերոջս վիճակը։ Դառն քամին է ոռնում մեր գլխավերևում․ դեռ արևի պռունկը չտեսած, ամպերն են ծածկում նրան․ անձրևն է հեղեղի պես թափվում։

Բայց այդ բոլորը սարսափելի չէ․ միայն թե մտահոգված եմ, արդյոք ուրա՞խ են ապրում աղջիկները, կանայք և հարսները․ հո նրանց նեղացնող չկա․ երգո՞ւմ֊պարո՞ւմ են։ Հո լաց չեն լինում այդ չքնաղ արարածները։ Ծանր վիշտը չի՞ մաշում նրանց։ Դե, եղբայր իմ Տիեր, առաջ գնանք, վաղ թե ուշ ճամփան կգտնենք․ ով ուզենա մեզ վատություն անել, մեր գլխին փորձանք բերել, թող փորձանքն իրենց տոհմի, իրենց զավակների գլխին գա։ Երբ հայրս նեղության մեջ էր ընկնում, այսպիսի աղոթք էր անում․

«Ո՛վ դու բարձրյալդ Ուկկո, քո հաստիչ ձեռքով հովանավորիր ինձ, փրկիր ինձ այրերի դավադրությունից, կանանց խարդավանքներից, մորուքավորների և անմորուքների չարախոսությունից և զրպարտությունից․ ինձ պահպանիր և ճամփա ցույց տուր, որ մոր ազիզ որդին գտնի իր ճամփան, իր նպատակին հասնի»։

Եվ կտրիճ Լեմմինկայնենը, անմիջապես հոգսից ու տխրությունից ստեղծեց արագավազ ձիեր․ սանձը մռայլ օրերից վերցրեց, իսկ թամբն իրենց կրած տառապանքներից սարքեց։ Ինքը նստեց ձիու մեջքին և ձին դանդաղ քայլերով առաջ գնաց։ Նրա կողքից քայլում էր Տիերի ձին․ նրանք դժվարությամբ էին բարձրանում բլուրները, ավազների միջից հազիվ էին ճամփա բացում, բայց անտրտունջ առաջ էին գնում․ չէ որ գնում էին իրենց հարազատ մայրիկների մոտ։

Այստեղ ես թողնում եմ Կաուկոմեյլիին․ նրան և ընկերոջը՝ Տիերին ուղիղ ճամփու վրա դրի․ թող բարով գնան հասնեն իրենց շեմը։ Այժմ երգիս հունը կփոխեմ և առաջ կընթանաք նոր հունով։

Ռունա ԼԱ

Ունտանոն կռիվ է սկսում իմ եղբոր Կալերվոյի դեմ․ գերի է վերցնում եղբոր հղի կնոջը․ ծնվում է Կուլլերվոն

Մայրն ուներ երեք որդի։ Նրանց պահում էր այնպիսի խնամքով ու քնքշանքով, ինչպես թռչունն է թևերի տակ պահում իր ձագուկներին։ Բայց չար բախտն, ինչպես գիշատիչ անգղը, մորից խլեց երկու զավակներին։ Մեկ որդին ընկավ Ռուսաստան և այնտեղ առևտրական դարձավ․ Մյուս որդին ընկավ Կարելիա․ նրա անունը Կալերվո էր․ երրորդ որդին՝ Ունտամոն մնաց տանը։ Հենց սա էլ փորձանք դարձավ հոր և մոր գլխին։

Կալերվոն իր ցանցը գցեց գետնախորշը, որ ձուկ որսա։ Ունտամոն էլ իր ցանցը գցեց հենց այն գետնախորշում, ուր Կալերվոյի ցանցն էր։ Բայց Կալերվոն չգիտեր, որ ագահ եղբայրն էլ է իր ցանցը գցել։ Երբ եկավ ժամանակը, Կալերվոն ձկներն հանեց ցանցից և լցնելով կողովն ուզում էր տուն գնալ։ Վրա հասավ Ունտամոն, գազազեց և բռունցքներով սկսեց խփել եղբորը։ Կալերվոն շատ նեղացավ եղբոր այդ անիրավ վարմունքից և ինքն էլ իր հերթին հարվածին հարվածով պատասխանեց։

Քիչ անց Կալերվոն վարսակ ցանեց այն արտում, որը կից էր եղբոր տանը։ Ունտամոն իր ոչխարը քշեց արտը և նոր ծլած արտը ոչխարն ամբողջովին ոչնչացրեց։ Կալերվոյի շունն էլ հարձակվեց ոչխարի վրա ու կերավ։

Ունտամոն սպառնաց, որ եղբոր ամբողջ ընտնիքը, մեծից մինչև փոքրը, կոչնչացնի և տունն էլ կհրդեհի։

Նենգ Ունտամոն իր մարդկանց զինեց սրերով, նիզակներով և կացիններով ու գնաց կռվելու հարազատ եղբոր դեմ։

Կալերվոյի սիրունիկ տանտիրուհին լուսամուտից դուրս նայեց և ասաց․

«Սև ամպե՞րն են արդյոք կուտակվել երկնքում, թե՞ թանձր ծուխ է բարձրացել․ որ ամեն ինչ այսպես խավար է երևում»։

Ոչ, դա ամպ չէր, ոչ էլ ծուխ․ դա Ունտամոն էր, որ իր զորքով եկել էր պատերազմելու եղբոր դեմ։

Եվ ահա՛ Ունտամոյի զորքերը սպանեցին Կալերվոյի ընտանիքի անդամներին, տունն էլ եղած֊չեղածով այրեցին։

Միայն սիրունիկ տիրուհին, որ արդեն մայրության էր պատրաստվում՝ փրկվեց։ Նրան բռնությամբ տարան Ունտամոյի տունը, որ այնտեղ աղախին լինի, տունն ու բակն ավլի֊մաքրի։

Օրեր անց, կինն ունեցավ մի արու զավակ։ Մայրը նրան կոչեց Կուլլերվո, իսկ Ունտամոն նրան ռազմիկ էր անվանում։ Մայրը տղային դրեց օրորոցն ու սկսեց օրորել։

Անցավ մեկ օր, երկու օր, երրորդ օրվա վրա տղան վրայից դեն շպրտեց բարուրն ու փոքրիկ վերմակը, ջարդեց օրորոցը և սկսեց չոչ անել հատակի վրա։

Ունտամոն մտածեց․ «Երևում է, որ դրանից ուժեղ տղամարդ դուրս կգա, կփոխարինի հարյուր ստրուկի, մենակ ինքը հազար վարձու աշխատողի գործ կանի»։

Անցավ մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս և տղան ոտքի կանգնեց։ Կուլլերվոն ինքն իրեն սկսեց խոսել․

«Շուտով ես կմեծանամ, ավելի կուժեղանամ և հորս վրեժը կլուծեմ, մորս տանջողներին արժանի հատուցումը կտամ»։

Ունտամոն այս խոսքերը լսեց, վախեցավ և ասաց․

«Այս տղայից պիտի ազատվել․ դա որ մեծանա, մի նոր Կալերվո կդառնա և ինձ շատ վնաս կհասցնի»։

Շատ մտածեց չար Ունտամոն և հրամայեց տղային դնել մի տակառի մեջ, տակառի բերանը փակել և ծովը նետել։

Այդպես էլ արին։ Անցավ երեք ցերեկ ու գիշեր։ Ունտամոն գնաց տեսնի՝ խեղդվե՞լ է արդյոք տղան։ Բայց ծովափ հասած֊չհասած ի՞նչ տեսնի, տղան դուրս է եկել տակառից և պղնձե կարթը ծովն է գցել ու ձուկ է որսում։ Զայրացավ ու այսպես խոսեց․

«Ի՞նչ անեմ, որտե՞ղ ուղարկեմ սրան, որ էլ արևի լույսը չտեսնի, կորչի գնա այս աշխարհից»։

Եվ իր ստրուկներին հրամայեց կեչու ճյուղերից, նոճիների չորացած բներից խարույկ սարքել և Կուլլեերվոյին այրել բոցավառ խարույկի վրա։

Ստրուկները հարյուր և հազար սահնակի վրա բարձած բերին և՛ կեչու, և՛ նոճինու բներ ու կոճղեր, ամեն տեսակի չոր ծառեր և բոլորն իրար վրա կուտակելով, չորս կողմից վառեցին։

Եվ երբ խարույկը բորբոքվեց, Ունտամոն վերցրեց երեխային և գցեց կրակի ամենաթեժ տեղը։

Երկու օր, երկու գիշեր բոցկլտում էր խարույկը։ Երրորդ օրը եկավ Ունտամոն և ի՜նչ տեսնի․ Կուլլերվոն ողջ ու առողջ նստել է մոխրի մեջ և մոխիրը մեկ ափից մյուս ափն է լցնում, մեկ֊մեկ էլ երկաթե կրակխառնիչով կրակն է թեժացնում։ Տղայի մեկ մազն անգամ չէր վնասվել։

Զայրացավ Ունտամոն և այսպես խոսեց․

«Հիմա ի՞նչ անեմ, որ այս տղան մեռնի և ես դրանից ազատվեմ»։

Եվ հրամայեց Կուլլերվոյին կախել կաղնու հաստ ճյուղից։

Անցավ երկու օր, երրորդ օրվա վրա նա իր ստրուկին ուղարկեց տեսնի՝ արդյոք չի՞ մեռել տղան։

Ստրուկը վերադարձավ և այսպիսի պատասխան բերեց․

«Ո՛չ, Կուլլեվրոն ոչ միայն չի մեռել, այլ ողջ և առողջ նստել է ծառի հաստ ճյուղին և մի մեծ երկաթե գամով կաղնու ծառը զարդարել է նախշերով․ նախշերի արանքներում էլ այրեր է փորագրել՝ սուրը ձեռքներին և դյուցազուններ՝ նիզակներով զինված»։

Չէ՛, Ունտամոն տեսավ, որ ոչ մի կերպ չի կարող Կուլլերվոյին զրկել կյանքից։ Ինչքան էլ դաժան բաներ արավ, միևնույն է, տղան գլուխն ազատում էր փորձանքից, ուստի որոշեց, իր ստրկուհու այդ կտրիճ որդուն, իբրև ստրուկ աշխատեցնել։ Եվ այսպիսի խոսքերով դիմեց Կուլլերվոյին․

«Թե հլու֊հնազանդ ծառայես, կդառնաս իմ ստրուկը և կաշխատես իմ տան համար։ Քո աշխատանքի դիմաց ինձնից վարձ կստանաս։ Նայած թե ինչպես կաշխատես, ըստ այնմ էլ կլինի վարձը՝ կամ կաշվե գոտի, կամ էլ մի շառաչուն ապտակ»։

Կուլլերվոյին գործի դրին․ պետք է երեխային օրորեր և նրա բարուրի շորերը լվանար։ Մեկ֊երկու օր պահեց և ի՛նչ․ երեխայի մատը տեղից դուրս ընկավ, մեկ աչքն էլ քոռացավ։ Երրորդ օրվա վրան երեխան արդեն ծանր հիվանդ էր․ Կուլլերվոն նրա բարուրի շորերը ծովը նետեց, օրորոցն էլ այրեց։

Ունտամոն տեսավ, որ տղան տան գործի համար կացին սարքի․ երբ կացինը սարքված էր, ամբողջ գիշերը նստեց, կացինը մի լավ սրեց և առավոտ շուտ անտառ գնաց։ Սկսեց ծառերը կտրտել։ Մեկ հարվածով գետին էր տապալում հսկա ծառը, իսկ փոքրերը շուռ էր տալիս մի թույլ հարվածով։

Հինգ ծառ տապալեց, հետո ութը ծառ և երբ այդ գործից ձանձրացավ, կացինը սուր սայրով խրեց ծառի մեջ և այսպես խոսեց․

«Այնտեղ, ուր կհասնի իմ ձայնը, թող այնտեղ տապալվեն հսկա կեչիները, և այսուհետև ոչ մի անգամ, ոչ մի տարի թող այստեղ, այս հողի վրա այլևս ոչ մի ճյուղ, ոչ մի ծիլ չաճի և ծառ չդառնա»։

Ունտամոն եկավ տեսավ դաշտը և կրկին զայրացավ․

«Չէ՛, այս գործին էլ պետք չեղավ Կուլլերվոն․ բոլոր պիտանի ծառերը կտրտել է և անտառը փչացրել է»։

Հիմա էլ պատվիրեց ցանկապատ սարքել։ Կուլլերվոն գործի անցավ։ Ցցերի փոխարեն նա գետին խրեց եղևնու ծառի հսկա բները, նրանց արանքում կապկպեց հարյուր սաժենանոց նոճիներ, ապա փարթամ ճյուղերով, տեսակ֊տեսակ ծառերով մի շատ բարձր ցանկապատ սարքեց։ Եվ այսպես խոսեց․

«Ով չի կարող թռչունի նման թռչել, նա չի կարող այս ցանկապատից ներս մտնել, որ կառուցել է Կալեվրոյի որդին՝ Կուլլերվոն»։

Ունտանոն տնից ելավ, տեսավ ցանկապատն ու ասաց․

«Այս գործում էլ անպետք եղավ այս տղան։ Ցանկապատը մինչ երկինքն է հասնում, մի դուռ էլ չի թողել, որ մարդ ներս ու դուրս անի, սարքածը մի բանի պետք չէ»։

Այս անգամ արդեն հանձնարարեց, որ տղան գարի աղա։

Կուլլերվոն գործի անցավ և ասաց․

«Թող գարու հատիկները փոշի դառնան, և քամին թող ցրիվ տա այդ փոշին»։

Ունտամոն եկավ տեսավ և կատաղեց֊փրփրեց․ գարին փոշի է դարձել, և քամին ցաք ու ցրիվ է անում այն։ Այսպես խոսեց․

«Ոչ մի բանի պետք չես, դու, անպիտան ստրուկ․ Արդյոք Ռուսաստա՞ն տանեմ վաճառեմ․ չէ՛, կտանեմ Կարելիա, կվաճառեմ դարբին Իլմարինենին․ գնա նրա մոտ մուրճ բանեցրու»։

Եվ Ունտամոն Կալերվոյի որդուն վաճառեց դարբին Իլմարինենին։

Դարբինը լավ գին վճարեց Կուլլերվոյի համար։ Տվեց երկու հին ղազան, վեց ժանգոտված գերանդի, մի քանի ջարդված մանգաղ ու լինգեր։ Դե, այդքանն էլ հազիվ արժենար այդ անպիտան ստրուկը։

Ռունա ԼԲ

Իլմարինենի կինը Կուլլերվոյին հանձնարարում է իրենց նախիրն արածեցնել

Կալերվոյի որդի Կուլլեվրոն անցնում է գյուղի միջով և ոչ միայն գյուղացիք, այլև ծառերն ու ծաղիկները հրապուրվում են նրա դյուցազնական տեսքով։ Գանգուրները ոսկեգույն են, ոտքերին կապույտ գուլպաներ ունի, կոշիկներն էլ նախշերով են զարդարված։

Հենց որ դարբնի տունը մտավ Կուլլերվոն, դիմեց նախ տիրոջը, ապա տանտիրուհուն․

«Ասացեք ինձ, թե ես ի՞նչ պիտի անեմ, որ անմիջապես գործի անցնեմ»։

Իլմարինենի կինը ապրում էր ճոխ կյանքով․ ընդարձակ տան մեջ նրա համար ամեն ինչ պատրաստ էր․ ջրաղացն աղուն էր աղում, ամաններն էլ ծովի ալիքներն էին լվանում։

Դաշտում, արտում և պուրակներում աճում էր ամեն տեսակ բարիք՝ ցորեն, գարի և քաղցրահամ պտուղներ։ Գետի վրա լողում են բադերը, գետի խորքում էլ ձկների առատ վտառներն են վխտում։

Ինչ տեսակ կերակուր ասես նրա համար պատրաստ է․ կաթն ու կարագն էլ ինչքան սիրտը ուզի։

Կեսրայրը ոնց որ հարազատ հայր, սկեսուրը հոգատար մայր, տեգրն ու տալն էլ ոնց որ սրտակից եղբայր ու քույր։

Անհոգ ու անդարդ ապրում էր Լոուխիի դուստրը, բայց շատ չար սիրտ ուներ աղջիկը։ Ուրիշի վիշտը նրան ուրախացնում էր, ուրիշի դժբախտությունը նրա համար խաղ ու պար էր։

Ստրուկները նրա մոտ ավելի վատ էին ապրում, քան թափառական շները։

Ինքն ուտում էր ընտիր ցորենի հաց և կարկանդակներ, իսկ ստրուկներին և ծառաներին տալիս էս տարեկանի ու թեփի շաղախից մի անեկ֊կիսաեփ գնդիկ։

Եվ ահա՛, այդ չար տիրուհին Կուլլերվոյին նախրորդ նշանակեց, որ արածացնի իր բազմաթիվ կովերը, եզներն ու աչառները։

Մի օր էլ որոշեց ծաղր ու ծանակի ենթարկել Կալլերվոյին և ցորենի այլուրի հետ թեփ խառնելով մի մեծ հաց թխեց՝ մեջտեղը խրելով մի քար։ Հացը տվեց նախրորդին ու ասաց․

«Հացը կուտես այն ժամանակ, երն նախիրն արոտավայր կհասցնես»։

Կուլլերվոն նախիրն առաջ գցած գնում է անտառը, ուր փարթամ արոտավայրեր կան։

Իսկ Իլմարինենի կինը մի քիչ գնում է նախրի ետևից և այսպես է խոսում․

«Ահա՛ անտառն եմ ուղարկում իմ կաթնատու կովերի նախիրը, ուղարկում եմ, որ արոտավայրերի թարմ, անուշահամ և սննդատու խոտերն ուտեն և պարարտանան։

Ով դու բարձրյալդ Ուկկո, պահպանիր և ամեն փորձանքից զերծ պահիր իմ նախիրը, թող քո ողորմածությամբ անտառի բոլոր թավուտներում ավելի փարթամ աճեն տեսակ֊տեսակ խոտերը, թող բոլոր ճահիճների տեղ մեղրահամ բույսեր փթթեն, թող աղբյուրների ջուրը միշտ զուլալ լինի, որպեսզի իմ կովերը կուշտ ուտեն֊խմեն և նրանց պտուկներից կաթը մշտապես հոսի հորդաբուխ գետի նման, որ իմ տան բոլոր ամանները տարվա բոլոր եղանակներին պռունկե պռունկ կաթով լցվեն»։

Ապա տիրուհին խնդրանք արավ անտառի ոգիներին․

«Ով դու անտառի տիրուհի Միէլիկկի, քո սպիտակ սավանով պաշտպանիր իմ նախիրը, երբ ավերիչ փոթորիկ լինի, երբ անձրև և կարկուտ թափվի երկնքից։

Ով դու անտառի որդի Նյուրուրիկկի, եղևնու և նոճիների ցողուններով կամուրջ սարքիր անանցանելի տեղերի և ճահիճների վրայով, որպեսզի նրանք անվնաս դուրս գան անտառից և չմոլորվեն թավուտներում։

Իսկ դու, անտառի պարծանք մրթմրթան արջ Օտսո, արի քեզ հետ հավերժորեն խաղաղ ապրենք և պայման կապենք, որ դու ամբողջ ամառվա ընթացքում չվնասես իմ կաթնատու երկսմբակավորներին, երբ նրանք արածում են անտառներում։

Երբ լսես զանգուլակների զնգզնգոցը և նախրորդի շվիկի նախազգուշացնող կանչը, դու պառկիր ճահճի մեջ և գլուխդ ու ականջներդ թաղիր մամուռների արանքը, կամ էլ թե չէ փախիր հեռու ծմակը, որպեսզի ոչ զանգակների զնգզնգոցը լսես, ոչ էլ նախրորդների ձայնն ականջիդ հասնի։

Լսիր, իմ սիրելի Օտսո, դու անտառի մեղրաթաթ բնակիչ, չեմ արգելում որ պոչդ մեկ֊մեկ թափ տաս իմ նախրի մոտերքում, բայց մենակ թե սուր ատամներդ գործի չդնես և իմ կովերը չխժռես։

Հենց որ լսես իմ նախրորդների կանչը, դու այդտեղից հեռու գնա։ Եթե նախիրը դաշտումն է, դու փախիր գնա ճահիճը, եթե նախիրը ճահճումն է, դու պետք է փախչես գնաս անտառի թավուտները։ Թե սարի գագաթին է արածում նախիրը, դու պիտի մնաս ստորոտում, երբ արդեն սարից ցած է իջնում, այն ժամանակ դու կարող ես բարձրանալ գագաթը։

Եթե քաղցած ես և ուտել ես ուզում, ապա անտառում բուսած սունկերը կեր, թփուտներում հասունացած պտուղները կեր, հետո գնա և փեթակների մեղրն անուշ արա։

Ուրեմն այս պայմանը պայման է․ մենք խաղաղության դաշն ենք կնքում․ ես ու դու տերն ենք մեր հողերի, անտառների ու դաշտերի և բնության բարիքը, որ այնքան առատ է ամառվա ջերմ եղանակին, ինձ էլ, քեզ էլ լիովին կբավականացնի։

Իսկ թե շատ ես ուզում կռվենք, ապա կկռվենք ձմռանը փափուկ ձյունի վրա։

Այս էլ իմացիր, թե պայմանը խախտես և ուզենաս վնասել իմ անասուններին, ապա քեզ վրա կհարձակվեն իմ մարդիկ։ Իմ տան տերն էլ շատ կտրիճ մարդ է։ Նրանք քո ճամփան կփակեն և չեն թույլ տա, որ դու, հակառակ Աստծո կամքին վնասես իմ կաթնատու անասուններին»։

Տիրուհին այս անգամ դիմեց անտառի տիրակալին․

«Ով դու ճերմակամորուս բարի Կույպպանա, քո գամփռներին կապած պահիր, ցռուկներին սանձ դիր, որպեսզի նրանք չկարողանան վնասել իմ նախիրը պահող մարդկանց, թե չէ նախիրն անտեր մնալով գազաններին կեր կդառնա»։

Վերջում տիրուհին կրկին նայեց վեր ու ասաց․

«Ով դու բարձրյալդ Ուկկո, լսիր իմ սրտից բխող խոսքերը․ եթե այս բոլորը չօգնի և իմ նախրին վտանգ սպառնա, ապա իմ բոլոր անասուններին ծառեր դարձրու, կամ էլ թե չէ քարերի տեսք տուր, մինչև չար գազանները կորչեն֊հեռանան»։

Իլմարինենի կինը, այդ բանիբուն տիրուհին, ահա այսօր էլ այսպիսի խոսքերով իր նախիրը ճամփու դրեց և Կուլլերվոյին էլ պատվիրեց, որ լավ հսկի անասուններին։

Ռունա ԼԳ

Չար տիրուհին զայրացնում է Կալլերվոյին, Կալլերվոն նրան պատժում է

Կալերվոյի որդին՝ Կուլլերվոն, հացը դրեց մախաղի մեջ և նախիրը քշեց դեպի արոտավայրը։ Ճամփին նա ինքն իրեն խոսեց․

«Ա՜խ, ես աշխարհի ամենաթշվառ տղան եմ։ Այս որտե՞ղ եմ ընկել․ մի՞թե նրա համար եմ ստեղծվել, որ կովերի ետևից ընկնեմ, ճահիճներով ու թավուտներով անցնեմ և տեսնեմ, թե ոնց են աչառները թափ տալիս իրենց պոչերը»։

Նստեց խոտի վրա․ արևը տաքացնում էր․ տղան սկսեց երգել և այսպես էր նրա երգը․

«Ով դու կենսատու արև, որ Աստծու կամքով պտտվում ես երկնքում, ջերմացրու, լույս տուր ինձ՝ խեղճ նախրապանիս․․․ դարբնի նախիրն եմ արածացնում, բայց ոչ դարբնին, ոչ էլ նրա կնոջը լույս մի առաքիր։ Այդ չար կինն իր համար հաց է թխում մաքուր ցորենի ալյուրից, հացին կարագ է քսում և այնպես ուտում, իսկ խեղճ նախրապանիս միայն քարթու հաց է բաժին հանում։ Տիրուհին իր համար պատրաստում է ամենաընտիր կերակուրներ, իսկ թշառ Կուլլերվոյիս առաջը դնում է մի անպետք ապուր, որը լակել է շունը»։

Այդ պահին մի թռչուն ծլվլաց․

«Ժամանակն է, որպեսզի որբ տղան ճաշի»։

Կուլլերվոն տեսավ, որ արևն արդեն թեքվել է, կովերին քշեց բացատը, որ հանգստանան, ինքն էլ նստեց մի կոճղի վրա և հացն հանեց մախաղից։ Այսօր կարծես թե հացը լավն էր․ այդ ո՞նց բան էր, որ չար տիրուհին չէր խնայել՝ ցորենի ալյուր էր խառնել բոքոնին։

Տղան գրապնից հանեց դանակը և ուզեց հացը կտրել, որ ճաշի։ Մեկ էլ ի՜նչ․ դանակը դիպավ հացի միջում դրված քարին՝ սայրը ջարդվեց, տղայի ձեռքում մնաց կոթը։

Կուլլերվոն այս որ տեսավ, շատ տխրեց, լաց եղավ ու ասաց․

«Այս դանակն ինձ համար թանկ էր․ չէ՞ որ իմ սիրելի հորիցս ինձ մնացած միակ հիշատակն էր․ հիմա դրանից էլ զրկվեցի։ Այդ զզվելի, դաժան ու ագահ տիրուհին դիտմամբ է քարը դրել հացի մեջ, որ այսպիսի փորձանք գա գլխիս։ Ի՞նչ անեմ, ինչպե՞ս, ի՞նչ ձևով վրեժ լուծեմ այդ գարշելի կնոջից, որ այսպես ծաղր ու ծանակի է ենթարկում ինձ»։

Ծառի վրայից ագռավը կռկռոցով ասաց․

«Մի՛ տխրիր, Կալերվոյի որդի, իզուր արցունք մի թափիր․ ես քեզ կսովորեցնեմ, թե ինչպես վրեժ լուծես քո չար տիրուհուց։ Կեչու ծառից մի հաստ ճյուղ պոկիր և բոլոր կովերը քշիր դեպի ճահիճը․ թող կովերի մի մասն արջերը խժռեն, մյուս մասն էլ գայլերը հոշոտեն։ Երբ անտառի գազանները կշտանան, արջերը կովերի տեսք կստանան, գայլերն էլ հորթերի։ Այն ժամանակ քո այս նոր նախիրը քշիր դեպի քո տիրուհու գոմերը։ Դրանով դու քո վրեժը կլուծես Լոուխիի չար աղջկանից, որ քեզ անամոթաբար ծաղր ու ծանակի ենթարկեց»։

Կուլլերվոբ ասաց․

«Այդպես էլ կանեմ․ ես հորիցս մնացած հիշատակը կորցնելու համար եմ լաց լինում, հիմա դու տես չա՜ր տիրուհի, թե ինչքան լաց կլինես քո կովերի համար»։

Եվ ծառից պոկելով հաստ ճյուղը, նախիրը քշեց դեպի ճահիճը։ Արջերն ու գայլերն իսկույն խժռեցին կովերին ու հորթերին։ Կուլլերվոն երեկոյան դեմ կովերի և հորթերի կերպարանք առած արջերին ու գայլերին քշեց դեպի տիրոջ տունը։

Ճամփին Կուլլեվրոն անտառի գազաններին այսպիսի պատվեր տվեց․

«Բակը մտեք, իբրև թե հլու֊հնազանդ կովեր եք, մսուրի մոտ կանգնեք ոնց որ միամիտ հորթեր։ Հենց որ տիրուհին կգա ձեզ կթելու, իսկույն հոշոտեք նրան․ սուր ատամներով պոկեցեք ազդրերը, ձեր ճանկերով քրքրեցեք մարմինը»։

Աչառի կոտոշից, կովի ոսկորից Կուլլերվոն եղջերափող սարքեց և երբ արդեն մոտիկ բլուրից նախիրը դեպի տուն էր թեքվում, երեք անգամ փողը փչեց, որ Իլմարինենի կինը՝ տանտիրուհին նախրին ընդառաջ գա։

Իսկ տանտիրուհին սրտատրոփ սպասում էր, թե երբ նախիրը տուն կգա, որ կովերին կթի և կարագ պատրաստի։ Հենց որ լսեց եղջերափողի ձայնը, դուրս եկավ ու ասաց․

«Փա՛ռք քեզ աստված ամենակալ, եղջերափողը հնչեց, նախիրը տուն է գալիս, բայց որտեղից նախրորդը ճարեց այդ եղջերափողը, որ այդպես զիլ է հնչում, այնքան զիլ, որ քիչ է մնում ականջներս խլանան»։

Կուլլերվոն պատասխանեց․

«Ճահճի միջից գտա այս եղջերափողը․ ես ուժեղ փչեցի, որ դու շուտ դուրս գաս, օջախը վառես և կովերը կթես»։

Իսկ տիրուհին չի ուզում իրեն նեղություն տալ, ուստի դիմեց սկեսուրին․

«Մայրիկ, դու գնա կովերը կթիր, ես հո չեմ կարող տան բոլոր գործերն անել․ ես պիտի խմոր հունցեմ»։

Կուլլերվոն գիտեր, եթե խեղճ պառավը գնար կթելու, գազանների կեր կդառնար, ուստի ասաց․

«Ով դու տիրուհի, չէ՞ որ դու ջահել ես և լավ գիտես, թե ինչպես պիտի կթես կովերը, որ ավելի շատ կաթ տան․ է, ինչո՞ւ ես այդ հաճելի գործն ուրիշի վրա թողնում»։

Տիրուհին գնաց օջախը վառեց, հետո մտավ գոմը և տեսնելով, թե ինչքան լիքն են կովերի ստինքներն՝ ուրախացավ և, կաթմնամանը վերցնելով, չոքեց կովի ետևի ոտքերի մոտ ու սկսեց կթել․

Մեկ անգամ քաշեց պտուկից, հետո մեկ անգամ էլ և երբ ուզեց երրորդ անգամ քաշել, գայլը կծեց նրա թևը, իսկ արջն այնպես ամուր խայծեց ազրդը, որ ոսկորը ջարդեց։

Իլմարինենի հպարտ կինը սկսեց լալ և այսպես խոսեց․

«Ով դու գարշելի ստրուկ, ինչպե՞ս համարձակվեցիր արջերն ու գայլերը իմ գոմը բերել»։

Կուլլեվրոն պատասխանեց․

«Իհարկե, ես վատ գործ եմ արել, բայց դու էիր պատճառը, ո՛վ դաժան կին, եթե դու ինձ ծաղր ու ծանակի չենթարկեիր և քար չդնեիր հացի մեջ, եթե իմ հոր միակ հիշատակից՝ դանակից չզրկվեի, ես արջերն ու գայլերը չէի քշի բերի քո բակը»։

Տիրուհին աղաչանք արավ․

«Ով դու իմ սիրելի նախրորդ, կախարդանք արա և ազատիր ինձ գայլերի ժանիքներից ու արջերի ճանկերից։ Ազատի՛ր․ այսուհետև քեզ ամենաըտիր ուտելիքը կտամ, առավոտներն ինչքան ուզենաս թարմ կաթ կխմես, քեզ կտամ ամենաթանկագին պատմուճանը, ամենաընտիր մահուդից շալվար կհագցնեմ քեզ․ դե, շո՛ւտ արա, ազատիր ինձ, թե չէ ես խայտառակ մահով կմեռնեմ և հող ու մոխիր կդառնամ»։

Կուլլերվոն պատասխանեց․

«Ինձ է՛լ ոչինչ պետք չէ․ արժանի է, որ դու անարգ մահով մեռնես, խոնավ հողի տակ քեզ համար հարմար տեղը պատրաստ է»։

Տիրուհին նորից խոսեց․

«Ով դու ամենակալ տեր Ուկկո, քո հզոր նետ ու աղեղով պատուհասիր Կալերվոյի որդուն, հողին հավասարեցրու այս անպիտան ստրուկին»։

Կուլլեվրոն ևս խոսեց․

«Ով ամենակալ տեր Ուկկո, քո նետ ու աղեղով ո՛չ թե ինձ պատուհասիր, այլ այս չար կնոջը, որ երկիրն ազատվի այսպիսի դաժան տիրուհուց․ նետահարիր, որ հենց տեղն ու տեղը մնա»։

Եվ գազաններից հոշոտված չար կինը ընկավ գետնին ու շունչը փչեց։

Այսպես մեռավ այն գեղեցիկ կինը, որին վեց տարի շարունակ փնտրել ու տենչացել էր ճարտար դարբին Իլմարինենը։

Ռունա ԼԴ

Կալլերվոն թափառում է անտառներում․ մի պառավ կին նրան բարի լուր է հաղորդում

Կուլլեվրոն ուզեց ժամ առաջ թողնել հեռանալ այդտեղից, քանի Իլմարինենը չի իմացել, որ կինը մեռել է, թե չէ շա՜տ կզայրանա դարբինը և իրեն կվնասի։

Շտապ վազեց հասավ անտառն ու սկսեց երգել․ ծառ ու թուփն էլ կարծես նրան ձայնակցում էին։ Լավ էր, որ վրեժը լուծեց չար տիրուհուց, բայց սիրտն ուրախ չէր։

Դարբինն աշխատանքը թողեց և ուզեց իմանալ, թե ինչ ձայներ են գալիս անտառից․ քիչ հետո էլ բակը մտավ և ամեն ինչ հասկացավ․ տեսավ, որ իր գեղեցկուհի կինն անշունչ ընկած է բակի խոտերի մեջ։ Դարբինն ամբողջ գիշերը լաց եղավ․ լման մի շաբաթ արցունքը չէր ցամաքում նրա աչքերից․ սիրտն էլ սև կապեց, ավելի սև, քան իր դարբնոցի ածուխը։

Իսկ Կուլլերվոն ճամփա ընկել ու գնում է, ոչ տուն ունի, ոչ տեղ․ որտեղ մթնում էր, այնտեղ էլ քնում է։ Դառն են անտեր֊անտիրական տղայի մտքերը․

«Ի՜նչ վատ բան է որբ լինել այս լայն աշխարհում։ Մեկը գնում է իր հայրենի աշխարհը, իր հարազատների մոտ, մեկ ուրիշն շտապում է հանգստանալ իր սեփական հարկի տակ, իսկ իմ հայրենիքը մութ անտառն է, դաշտն էլ իմ տունը։ Իմ օջախը ցուրտ քամին է, անձրևն էլ իմ բաղնիքը։

Ով դու բարձրյալդ Ուկկո, այնպես արա՛, որ երբեք այս երկրի վրա երեխաներն անհայր ու անմայր չմնան, ինչպես ես եմ հիմա։ Արևը ջերմացնում է բոլորին՝ թռչուններին և տունկերին, միայն ի՛նձ չի ջերմացնում, մենակ ի՛նձ չի ուրախացնում արևը։

Հոր երես չեմ տեսել, մորս էլ կորցրել եմ քանի դեռ բարուրների մեջ էի, իմ հորական ամբողջ տոհմը ոչնչացրեց այդ չար Ունտամոն։ Իմ բաժինը եղել է ձնե գուլպան և սառցե կոշիկը․ ինձ նետել են սառցե բարակ շերտով ծածկված գետի վրա, որ սառույցը ջարդվի և ես ընկնեմ անդունդն ու խեղդվեմ։ Թե մի հրաշքով սառցակալած գետից փրկվեմ՝ ճահիճն է իմ առաջ․ չար բախտը հրում է ինձ դեպի այդ հոտած ջրերը, որ ընկղմվեմ դրանց մեջ և կործանվեմ։

Բայց ես երբե՛ք չեմ ուզում կործանվել, երբե՛ք չեմ ուզում բաժանվել կյանքից․ չէ՞ որ ես էլ ուրիշների նման երկու ձեռք ունեմ և ամեն մեկ ձեռքիս վրա հինգ ճկուն մատներ»։

Եվ իրենց տոհմին դժբախտացնող Ունտամոյի դեմ զայրացած, այսպես խոսեց․

«Ով դու չար Ունտամո, քո արածները չե՛ս մարսի, շուտով ես կգամ քեզ մոտ և իմ հարազատների վրեժը կլուծեմ, քո տունը բրիշակ կանեմ, կրակի ճարակ կդարձնեմ։

Այդ պահին անտառի միջով անցնում էր մի պառավ կին՝ կապույտ լաչակը գլխին․ նա ճանաչեց Կալերվոյի որդուն, մոտեցավ և հարցրեց․

«Կուլլերվո, ո՞ւր ես գնում, ո՞ւր ես շտապում»։

Տղան պատասխանեց․

«Շատ դառն է վիճակը, ծնողներից զրկվել, այսպես անտեր եմ մնացել․ ուզում եմ գնալ, գտնել Ունտանոյին և նրա տունն ու տեղը հող ու մոխիր դարձնեմ, ոնց որ նա իմ հարազատներին սպանեց, իմ հորական տունն ավերակ դարձրեց»։

Պառավն ասաց․

«Ո՛չ, ձեր տոհմը չի ոնչնչացել․ հայրդ մի կերպ փրկվել և ապրում է․ մայրդ էլ եկել գտել է հորդ»։

«Դու անուշիկ նանիկ, շուտ ասա, որտե՞ղ են ապրում իմ հայրիկը, իմ տառապած մայրիկը»։

Պառավն ասաց․

«Քո հայրն ու մայրը ապրում են լապլանդական հողում, այնտեղ ուր լճակներում շատ տեսակի առատ ձկներ կան»։

Կուլլերվոն շտապ հարցրեց․

«Ով դու թանկագին նանիկ, շուտ ասա, ինչպե՞ս հասնեմ այդ աշխարհը, ի՞նչ ճամփով գնամ, որ գտնեմ հարազատներիս»։

Պառավը պատասխանեց․

«Այնքան էլ մոտ չէ այդ երկիրը․ սկզբից կերթաս այս անտառով․ ուղիղ և ուղիղ գնա մեկ օր, երկու օր, երրորդ օրվա վրա, երբ դուրս գաս անտառից, կտեսնես մի բարձր սար։ Սարի ձախ կողմով քիչ կթեքվես, կերևա մի գետ․ գետի ափով այնքան կքայլես, մինչև կհանդիպես մի բլուրի․ այդ բլուրի մոտերքում կա մի ձկնորսական խրճիթ․ հենց այդ խրճիթում էլ ապրում են քո հարազատները․ այնտեղ էլ նրանց հետ ապրում են քո երկու շա՜տ սիրունիկ քույրերը»։

Կուլլերվոն ճամփա ընկավ․ երկու օր գնաց, մինչև անտառից դուրս եկավ։ Երրորդ օրվա վրա տեսավ սարը, թեքվեց դեպի հյուսիս և սկսեց քայլել գետափով, վերջապես բլուրն էլ ետևում թողեց և տեսավ ձկնորսական խրճիթը։ Ներս մտավ, բայց տնեցիք նրան չճանաչեցին․ հարցրին․

«Ի՞նչ տոհմից ես դու, որտեղի՞ց ես եկել»։

Կուլլերվոն տխուր ձայնով պատասխանեց․

«Ա՛խ, դուք ձեր հարազատ որդուն չե՞ք ճանաչոմ։ Ես դեռ մի թզաչափ էլ չեմ եղել, որ Ունտանոյի մարդիկ ինձ գերի են տարել»։

Մայրը տեղից վեր թռավ, հոգոց հանեց, փաթաթվեց որդուն և ասաց․

«Ա՛խ դու իմ խեղճ, սիրելի որդի, ոսկուց էլ թանկ զավակս․ այս ի՞նչ բախտ է, որ ողջ ու առողջ ես մնացել և եկել գտել ես ծնողներիդ․․․ իսկ ես ինչա՜ն եմ արցունք թափել քեզ համար, հենց իմացել եմ, թե դու էլ փորձանքի ես հանդիպել և ե՛ս թշվառս, էլ քեզ ողջ֊առողջ չեմ տեսնի»։

Քո երկու եղբայրն ու երկու քույրը փրկվել էին։ Բայց մեծ եղբայրդ ու մեծ քույրդ գնացին և այլևս չվերադարձան։ Եղբայրդ կռվում զոհվեց, իսկ քույրդ կորավ։ Մյուս եղբայրդ մեզ հետ է ապրում, մյուս քույրիկդ տանից դուրս է գնացել, շուտով կվերադառնա»։

Կուլլերվոն հարցրեց․

«Իսկ որտե՞ղ է կորել իմ քույրը»։

Մայրը պատասխանեց․

«Քույրդ անտառ գնաց պտուղ հավաքելու․ այնտեղ էլ կորավ իմ սիրունիկ թռչնակը։ Շատ սպասեցինք, բայց աղջիկս տուն չվերադարձավ․ թե ինչ փորձանք եկավ գլխին՝ այնպես էլ չիմացանք։

Իսկ ո՞վ է ավելի շատ տանջվում իր աղջկա համար, քան հարազատ մարը։ Ասացի գնամ անտառը, փնտրեմ, գուցե թե մի բան իմանամ։ Արջի նման ծայրեծայր անցա անտառը, մտա թավուտները, անցա կածաններով, բարձրացա թմբերը․ մեկ օր, երկու օր, երեք օր անվերջ փնտրեցի ու փնտրեցի՝ ոչինչ չգտա․ վերջը ձայն տվի․

«Որտե՞ղ ես դու, իմ սիրելի աղջիկ, ախր աչքներս ջուր արած քեզ ենք սպասում»։

Աղջկանս ձայնը այնպես էլ չլսեցի, նրա փոխարեն լեռներն ու ծառերը պատասխանեցին․

«Այդպես սրտապատառ մի կանչիր, միևնույն է, աղջիկդ չի լսի․ նա այլևս երբե՛ք հորական տունը չի մտնի, երբե՛ք մոր գիրկը չի վերադառնա»։

Ռունա ԼԵ

Կուլլերվոն մի ժամանակ ապրում է ծնողների մոտ․ մի օր անտառում հանդիպում է թափառական աղջկա․ պարզվում է, որ աղջիկն իր անհետ կորած քույնր է

Կալերվոյի որդին՝ Կուլլերվոն, կապույտ գուլպաներով այդ տղան ուրախ էր, որ հորական տանն էր ապրում, բայց խելքը գլուխը չհավաքեց․ ախր հենց օրորոցից վատ էր դաստիարակված․ նրա խնամակալները տխմար մարդիկ էին եղել։

Հայրը մի քանի գործ հանձնարարեց, բայց տղան ոչ մեկն էլ չկարողացավ, ինչպես պետքն է, գլուխ բերել։ Մի օր նստեց նավակն ու թիավարեց, բայց այնպես ուժեղ ու անշնորհք շարժեց թիերը, որ թիակալները տեղահան եղան․ նավակն էլ դիպավ լճի մեջ ցցված քարերին և ջարդուփշուր եղավ։

Կալերվոն որ այդ տեսավ, ասաց․

«Դու բոլորովին չես կարող թիավարել, արի գնա ձուկ որսա, գուցե դրանից գլուխ հանես»։

Կուլլերվոն սկսեց ձուկ որսալ, բայց ցանցն այնպես կոպիտ քաշքշեց, որ այն պատռոտեց, կարթերը ջարդեց և ոչ մի հատ ձուկ չկարողացավ որսալ։

Հայրն այս անգամ պատվիրեց․

«Տեսնում եմ, որ քեզնից ձկնորս էլ դուր չի գա։ Ավելի թեթև գործ կհանձնարարեմ քեզ։ Լծի՛ր սահնակը, վրան բարձիր ցորենի պարկերը և տար հանձնիր տուրքերը գանձողի պահեստը»։

Կուլլերվոն ցորենը տարավ հանձնեց տուրքերը գանձողին և ինքը նորից նստեց սահնակն ու ճամփա ընկավ դեպի հայրական տունը։

Նրա սահնակն աղմուկով անցավ Վեյնեմեյնենի ձյունապատ դաշտերով։ Եվ ահա՛ քիչ հետո տեսավ, որ դաշտի միջում դահուկներով սահում է մի աղջիկ։ Տղան ասաց․

«Սիրունիկ աղջիկ, արի նստիր իմ սահնակը, տե՛ս ինչ փափուկ մորթի եմ փռել․ նստի՛ր, հանգստացիր»։

Աղջիկը դահուկներով սղղալով սահնակի կողքից, ասաց․

«Ինչի՞ս է պետք քո սահնակը․ ես այդ կեղտոտ մորթու վրա նստողը չեմ»։

Կուլլերվոն քշեց սահնակը և երբ հասավ լապլանդական դաշտերին, տեսավ զուգված֊զարդարված մի աղջիկ։ Տղան ձգեց ձիու սանձերը․ սահնակը մնաց տեղում կանգնած։ Կուլլերվոն մեղմ ձայնով ասաց․

«Սիրունիկ աղջիկ, արի նստիր իմ սահնակը, նստիր փափուկ մորթու վրա և հանգստացիր։ Քեզ կհյուրասիրեմ խնձորով և կաղնու միջուկով»։

Զուգված֊զարդարված աղջիկն այսպես պատասխանեց․

«Ես թքել եմ քո սահնակի վրա, ինչի՞ս է պետք դա․ քշիր, կորիր, դու էլ, քո զզվելի սառն սահնակն էլ»։

Կուլլերվոն բարկացած ցած թռավ, մի ակնթարթում բռնեց աղջկա մեջքից և բերելով սահնակը՝ նստեցրեց իր կողքին։

Աղջիկը բարկացած ճչաց։

«Շո՛ւտ, բաց թող ինձ, թո՛ղ, ես չեմ ուզում մնալ և կոպիտ խոսքեր լսել, չեմ ուզում, որ վատ մտքերով ձեռքերդ ինձ դիպցնես։ Թող իջնեմ, գնամ, թե չէ սահնակդ կջարդեմ, տաշեղի նման ցրիվ կտամ»։

Կուլլերվոն այս խոսքերի վրա պսպղուն կափարիչով սնդուկը բացեց։ Աղջիկը նայեց և ի՜նչ տեսնի․ արծաթ՝ ինչքան ուզես։ Գույնզգույն զգեստներ և լաչակներ, ոսկե երիզներով գուլպաներ, արծաթյա քամարներ։

Ջահել աղջկան դուր եկավ թե՛ արծաթը, և թե ոսկեզօծ հագուստները։

Կուլլերվոն սիրտ առավ․ մեկ ձեռքով ձիու սանձն է բռնել, որ սահնակն ուղիղ ճամփով գնա, մյուս ձեռքով աղջկա մեջքն է գրկել և համբուրում է սիրունիկին։

Եվ ահա՛, երբ մութն ընկավ, սահնակը կանգ առավ։ Կուլլերվրոն աղջկան քաշեց սահնակի ծածկի տակ՝ փափուկ մուշտակի վրա․․․ ոսկով և արծաթով հրապուրված աղջիկը թուլացավ, անձնատուր եղավ․․․

Երբ լույսը բացվեց, աղջիկը սկսեց հարձ ու փորձ անել․

«Տեսնում եմ, ով երիտասարդ, որ շատ խիզախն ու համարձակն ես․ երևի նշանավոր տոհմից ես, քո հայրն էլ երևի շատ հայտնի մարդ էր»։

Կուլլեվրոն պատասխնեց․

«Ես շատ նշանավոր տոհմից չեմ․ իմ տոհմը ոչ նշանավոր է, ոչ էլ աննշան․ այնպե՛ս, միջին խավերից եմ։ Ես դժբախտ Կալեվրոյի որդին եմ, խելքս շատ բանի չի հասնում, ոչ մի բանի պիտանի չեմ։ Իսկ դու, սիրունիկ աղջիկ, ի՞նչ տոհմից ես․ երևի նշանավոր տոհմից․ քո հայրն էլ երևի շատ հայտնի մարդ է»։

Այսպես պատասխանեց աղջիկը․

«Ես նշանավոր տոհմից չեմ․ իմ տոհմը ոչ նշանավոր է, ոչ էլ աննշան․ այնպե՛ս, միջին խավերից եմ։ Ես աղքատ Կալեվրոյի դուստրն եմ․ խելքս շատ բանի չի հասնում, ոչ մի բանի պիտանի չեմ։

Դեռահաս աղջիկ էի, մորս փեշից բռնած ապրում էի․ և ահա մի օր անտառ գնացի, սկսեցի թփուտներից մորի հավաքել, կաղին պոկել ծառերից։ Մեկ օր, երկու օր ապրեցի պտուղներով, երրորդ օրն ուզեցի տուն վերադառնալ, բայց ճամփան կորցրել էի։ Գնացի անտառի արահետներով, մտա թավուտները և գիշեր֊ցերեկ լաց էի լինում։ Երրորդ օրն հասա մի բարձր սարի, նստեցի կոճղին։ Լաց եմ լինում ու ձայն տալիս։ Մեկ էլ տեսնեմ իմ կանչին պատասխանում է անտառը։

«Ով դու անխելք աղջիկ, բավական է լաց լինես ու կանչես, միևնույն է, քո ձայնը ոչ ոք չի լսում, քո ձայնը մինչև ձեր տունը չի հասնի»։

Նորից թափառեցի․ երեք օրը դարձավ չոր, հինգ, վեց օր, բայց մարդ արարածի չհանդիպեցի․ էլ ապրելս չէի ուզում․ երանի մեռնեի, ազատվեի տանջանքներից, բայց ինչ էլ անում էի, մահն ինձ մոտ չէր գալիս։

Եթե ես մեռնեի և հողին խառնվելով փտեի, կարող էր մեկ, երկու, կամ երեք տարի անց այդ հողի վրա փարթամ բույսեր աճեին, թփուտներում բույսեր հասունանային և ես այս օրվան չէի հասնի, այսպիսի խայտառակ փորձանք չէր գա գլխիս»։

Այս խոսքերն ասաց֊չասաց, աղջիկն իրեն անմիջապես դուրս նետեց սահնակից, վազեց հասավ մոտիկ վարարուն գետին և իրեն նետեց փրփրուն ալիքների մեջ։ Սիրունիկ, թշվառ աղջիկը սուզվեց գետի հատակը և ընկավ մոռացության աշխարհը։

Կուլլերվոն աղջկա ետևից վազեց, բայց էլ ի՛նչ կարող էր անել, սկսեց դառն ողբալ․

«Ո՛հ, ես ի՜նչ դժբախտ եմ․ այս ինչ դաժան է իմ ճակատագիրը։ Ես իմ հարազատ քրոջը պատվից զրկեցի, դժբախտ հորս ցավին նոր ցավ ավելացրի։ Ով իմ սիրելի հայր և ով դու իմ գորովագութ մայր, երանի՜ ինձ աշխարհ չբերեիք․ լավ էր, որ փոքր հասակում մեռնեի և այս չար աշխարհում չապրեի։ Ի՞նչ է մահը և հիվանդությունները կուրացե՞լ էին, որ ինձ չտեսան և իմ ծննդյան մյուս գիշերն իսկ իմ հոգին չառան»։

Նա թողեց սահնակը, նստեց ձին և շտապեց հոր տունը։ Բակում տեսավ մորն ու ասաց․

«Իմ սիրելի մայր, երանի թե իմ ծնվելու օրն իսկ, դու ինձ ծխով ու գոլորշիով լցված բաղնիքը դնեիր, որ խեղդվեի, կամ էլ թե չէ փաթաթեիր քուրձերի մեջ և վառարանը գցեիր, որ վառվեի, պրծնեի այս աշխարհից»։

Ճերմակահեր մայրն հարցեց․

«Ի՞նչ է պատահել քեզ, որդիս, կարծես թե Մանալի մութ աշխարհից ես եկել․ այս ինչե՞ր ես ասում»։

Կուլլերվոն պատասխանեց․

«Շատ դառն, շատ ծանր բան է պատահել․ ես իմ հարազատ քրոջն եմ պատվից զրկել։ Հենց որ հարկը վճարեցի և ճամփա ընկա, ինձ հանդիպեց մի աղջիկ։ Ես սկսեցի սիրաբանել և հետո ի՞նչ իմանամ․ դա իմ մորից ծնված քույրս է։ Քույրս չդիմացավ այդ անպատվությանը և իրեն գետը գցեց, խեղդվեց։ Ես, անճարս, չեմ իմանում, թե ի՞նչ անեմ, որ վերջ տամ այս անպիտան կյանքիս։ Ինչպե՞ս է վիճակված ինձ մեռնել․ գայլի ճիրաններո՞ւմ, թե՞ արջի թաթերի մեջ․ կետ ձկան կուլ կգնամ, թե՞ գայլաձկան ատամներն ինձ կխժռեն»։

Մայրն ասաց․

Իմ ազիզ որդի, մեռնելու մասին մի մտածիր․ շատ ծանր է եղածը, բայց մեր չար բախտն ի՜նչ փորձանք ասես, որ չի բերել մեր գլխին։ Աշխարհը լայն է, մի տեղ պատսպարվիր և ողբա քո արարմունքի համար։ Ժամանակն ամենաբուժիչն է․ կանցնի վեց տարի, իննը տարի և քո վիշտը կմեղմանա»։

Կալերվոյի որդին՝ Կուլլերվոն այսպես պատասխանեց մորը․

«Ո՛չ, չեմ թաքնվի․ թաքնվելով վիշտս չի մեղմանա։ Ես կերթամ մահվան դեմ֊հանդիման։ Ես կերթամ այնտեղ, որտեղ դեռ անպատիժ ապրում ու զվարճանում է Ունտամոն։ Այդ հրեշը կարծում է, թե էլ ոչ ոք իր հախիցը չի կարող գալ․ ես կերթամ հորս ու մորս դժբախտության վրեժը կլուծեմ, կլուծեմ և իմ վրեժը, որ նրա պատճառով այսքան տառապում ու տանջվում եմ այս անիրավ աշխարհում»։

Ռունա ԼԶ

Կուլլերվոն թողում է ծնողներին և գնում է Ունտամոյի դեմ կռվելու․ դժբախտ հերոսի տխուր վախճանը

Կալերվոյի որդի՝ կապույտ գուլպաներով Կուլերվոն, պատրաստվեց կռվի գնալ Ունտամոյի դեմ։ Պսպղուն թուրը հեսանեց, նիզակի ծայրն էլ մաքրեց ու սրեց։

Մայրն ասաց․

«Իմ սիրելի որդի, մի գնա, կռվի մեջ մի մտնիր։ Լավ իմացիր, ով անտեղի սուր բարձրացնի, նա սրով էլ կմեռնի։ Թե ձիով կռվի գնաս, ձիդ կսպանվի և դու ստիպված շուն կհեծնես, որ տուն վերադառնաս»։

Տղան պատասխանեց․

«Ես չեմ ուզում ինչպես ճիճու ճահիճների ու ավազների մեջ մեռնել։ Իմ կռիվն արդար է։ Ունտամոյի նման չար գազանը դեռ չի պատժված։ Ես կերթամ ու կկռվեմ նրա և նրա քաջերի դեմ։ Լավ է մեռնել պայքարի ժամին, զենքերի փառավոր շառաչի մեջ փառավոր մահ գտնել։ Հերոսին վայել է այդ ձևով մեռնել, այն ժամանակ նա չի ափսոսա, որ աշխարհ է եկել»։

Մայրն ասաց․

«Եթե դու այդ դաժան կռվում զոհվես, հապա ո՞վ պիտի օգնի քո ծերունի հորը, ո՞վ պիտի պահի պառաված մորդ»։

Տղան պատասխանեց․

«Կյանքի օրենքն է, հայրս բարդոցի վրա պիտի մեռնի, մայրս գոմում աշխատելիս հոգին կտա»։

Մայրը կրկին խոսեց․

«Հապա որ դու զոհվես, ո՞վ պիտի օգնի անօգնական մնացած եղբորդ, ո՞վ պիտի քրոջդ պահի, պահպանի ամեն տեսակ փորձանքից»։

Տղան պատասխանեց․

«Կյանքի օրենքն է, եղբայրս այնքան ժամանակ կաշխատի անտառում ու դաշտում մինչև հասնի վերջին օրը, իսկ քույրս էլ տունն ու տեղը կմաքրի և լվացք կանի․ մի օր էլ նա կերթա այն աշխարհը»։

Կուլլերվոն արդեն ուզում էր տանից դուրս գալ․ մոտեցավ հորը և ասաց․

«Մնաս բարով իմ սիրելի հայր․ արդյոք լաց կլինե՞ս, երբ լսես, որ քո որդին մեռել է, քո տոհմից պակասել է մի կտրիճ»։

Հայրը պատասխանեց․

«Երբ լսեմ, որ մեռել ես, լաց չեմ լինի․ ուրիշ որդի կունենամ․ նա քեզնից բանիմաց ու լավը կլինի»։

Տղան այսպես պատասխանեց հորը․

«Ես էլ լաց չեմ լինի, երբ լսեմ, որ դու մեռել ես։ Ես ինձ համար հայր կսարքեմ։ Նրա գլուխը կլինի քարից, բերանը կավից, աչքերը հապալասից, մորուքը ծղնոտից, ոտքերը բարդու ճյուղերից, միսն էլ փտած ծառերից»։

Կուլլերվոն դիմեց եղբորը․

«Մնաս բարով, սիրելի եղբայր, արդյոք լաց կլինե՞ս, երբ լսես, որ եղբայրդ մեռել է»։

Եղբայրը պատասխանեց․

«Երբ լսեմ, որ մեռել ես, լաց չեմ լինի․ ուրիշ եղբայր կճարեմ ինձ համար․ նա քեզնից գեղեցիկը և լավը կլինի»։

Կուլլերվոն պատասխանեց․

«Ես էլ լաց չեմ լինի, երբ լսեմ, որ դու մեռել ես։ Ինձ համար եղբայր կսարքեմ։ Նրա գլուխը կլինի քարից, բերանը կավից, աչքերը հապալասից, մազերը ծղնոտից, ոտքերը բարդու ճյուղերից, միսն էլ փտած ծառերից»։

Տղան հետո դիմեց քրոջը․

«Մնաս բարով, իմ անուշիկ քույրիկ․ արդյոք լաց կլինե՞ս, երբ լսես, որ եղբայրդ մեռել է»։

Քույրն այսպիսի պատասխան տվեց․

«Երբ լսեմ, որ մեռել ես, լաց չեմ լինի, ուրիշ եղբայր կճարեմ ինձ համար․ նա քեզնից բանիմաց և լավը կլինի»։

Կուլլերվոն պատասխանեց․

«Ես էլ լաց չեմ լինի, երբ լսեմ, որ դու մեռել ես։ Ես ինձ համար քույր կսարքեմ։ Նրա գլուխը քարից կլինի, բերանը կավից, աչքերը հապալասից, մազերը չոր խոտից, ճահճի ծաղիկներից ականջները կլինեն, թխկենու փայտրիկներից էլ մարմինը»։

Տղան դարձավ դեպի մայրը․

«Սիրելի, հարազատ մայր իմ, դու ինձ կրել ես քո կրծքի տակ, խնամել, դաստիարակել ես․ արդյոք լաց կլինե՞ս, երբ լսես, որ քո որդին մեռել է, քո տոհմից պակասել է մի կտրիճ»։

Մայրն այսպես պատասխանեց․

«Իմացիր, որ մոր սիրտը միշտ իր որդու համար է տառապում։ Եթե, Աստված ոչ անի, դու մեռնես, մեր տոհմից պակասի քեզ նման կտրիճը, ես այնպես դառը լաց կլինեմ, որ իմ արցունքով կլցվի մեր տունը․ էլ ոչ մի օր արցունքն իմ աչքերից չի պակասի․ լաց կլինեմ դրսում, դաշտում և իմ աղի արցունքներից բույսերը կթառամեն»։

Կուլլերվոն համբուրեց մորը և ճամփա ընկավ։ Թուրը մեջքին, նիզակն ուսին, գետինը թնդացնելով նա անցնում է դաշտերով և անտառներով, ճահիճներով և մարգագետիններով։

Եվ ահա՛, մի օր էլ նրան լուր տվին․

«Հայրդ մեռել է, գնա օգնիր, որ ծերուկին թաղեն»։

Կուլլերվոն այսպես պատասխանեց․

«Դե, որ մեռել է, ես էլ ի՞նչ կարող եմ անել, տանը մի քավթառ ձի կգտնվի, որ մարմինը դնեն վրան և տանեն հողին հանձնեն»։

Կուլլերվոն էլի շարունակեց ճանապարհը․ անցավ այրուտներով․ և ահա՛, մյուս օրը նրան լուր տվին․

«Եղբայրդ մեռել է, գնա օգնիր, որ տանեն թաղեն»։

Կուլլերվոն այսպես պատասխանեց․

«Դե, որ մեռել է, ես էլ ի՞նչ կարող եմ անել, երևի տանը մի հովատակ կգտնվի, որ մարմինը դնեն վրան և տանեն թաղեն»։

Կուլլերվոն էլի շարունակեց ճամփան։ Նրա եղջերափողի ձայնից թնդում էր անտառը։ Եվ ահա՛, նրան կրկին լուր բերին․

«Քույրդ մեռել է, գնա օգնիր, որ տանեն թաղեն»։

Կուլլերվոն այսպես պատասխանեց․

«Դե, որ մեռել է, ես էլ ի՞նչ կարող եմ անել․ մեր տանը մի զամբիկ կճարվի, որ քրոջս մարմինը դնեն նրա մեջքին և տանեն հողին հանձնեն»։

Կուլլերվոն արդեն անցնում էր մարգագետիններով և շուտով հասնելու էր չար Ունտամոյի երկիրը․ նորից նրան լուր տվեին․

«Քո բարի, հոգատար մայրը մեռել է․ հավիտյան փակել է իր աչքերն այդ տանջված պառավը․ գնա՛, օգնիր, որ տանեն հողին հանձնեն նրա տառապած մարմինը»։

Կուլլերվոն այսպես խոսեց․

«Ծանր վիշտ է ինձ համար, որ իմ սիրելի մայրը մեռավ․ շատ եմ ցավում, որ նրա կյանքի վերջին պահին իր մոտը չեմ եղել, գուցե թե մրսում էր՝ ես նրան կտաքացնեի, գուցե թե մի կտոր հաց չուներ ուտելու՝ ես նրա համար հաց կճարեի, որ սովից չմեռնի։

Շատ եմ խնդրում, իմ մոր մարմինը լվացեք ամենաընտիր սապոնով, հագցրեք մետաքսե շապիկ, ծածկեցեք մաքուր քաթանով․ գերեզման տարեք տխուր երգերով և երբ հողին հանձնեք, ողբացեք, որ այդպիսի ազնիվ կին, այդպիսի հոգատար մայր է հեռանում աշխարհից։ Ա՜խ, ես չեմ կարող վերադառնալ, որովհետև դեռ ապրում է մեր ողջ տոհմի դժբախտության պատճառը՝ չար Ունտամոն․ ես պիտի գնամ ու մեր վրեժը լուծեմ»։

Ռազմական փողը փչելով, վերջապես նա հասավ Ունտամոյի երկիրն և այսպիսի խնդիրք արավ․

«Ո՛վ դու բարձրյալդ Ուկկո, դու իմ թրին ու նիզակին այնպիսի զորություն տուր, որ ես մենակս կարողանամ հարյուրավորների դեմ կռվել»։

Այս ասաց, ապա թուրը քաշեց, նիզակը շարժեց․ նրա դեմ կռվի ելավ Ունտամոն իր հարյուրավոր զինվորների հետ։

Քաջ Կուլլերվոն ամբողջ զորքը ջարդեց, Ունտամոյին և իր տոհմը ոչնչացրեց, տունն ու տեղը այրեց, մոխիր դարձրեց։

Կուլլերվոն դարձավ դեպի հորական տունը։ Բայց շա՜տ տխուր էր, քանի որ հորական տնից ոչինչ չէր մնացել․ հարազատների մահից հետո ամեն ինչ քար ու քանդ էր եղել․ նա գնաց չոքեց մոր գերեզմանի մոտ, ողբաց ու ասաց․

«Իմ բարի, անուշիկ մայրիկ, հապա ոչ մի բան չե՞ս թողել քո որդուն։ Ա՜խ, իմ հարազատ մայրն ինձ չի լսում, իմ ձայնն է՛լ նրան չի հասնի»։

Բայց քիչ անց մայրը գերեզմանի խորքից ձայն տվեց․

«Մեր ունեցած֊չունեցածից միայն սև շունն է մնացել։ Վերցրու հետդ հավատարիմ շանը և գնա անտառը, անցիր թավուտները, անտառի վերջում մի դղյակ կա, այդ դղյակում ապրում են անտառի դուստրերը․ նրանք քեզ կխղճան և ուտելիք կտան»։

Կուլլերվոն գտավ շանը և նրա հետ անտառ գնաց, բայց չհասավ ամրոցին․ այնտեղ, այն փոքրիկ պուրակում, ուր մոլորվել էր իր հարազատ քույրը, ահա՛ կանգ առավ։

Տեսավ, որ ծառերն ու ծաղիկները լաց են լինում, ողբում են անմեղ աղջկա կորուստը։ Եվ ո՞նց լաց չլինեն, չէ՞ որ ինքը չիմացավ, թե դա իր հարազատ քույրն է և նրան պատվից զրկեց։

Կուլլերվոն թուրը քաշեց, շարժեց ձեռքում և հարցրեց․ «արդյոք չի՞ ցանկանում մեղավոր մարդու արյունը խմել»։

Թուրն հասկացավ նրա միտքն ու ասաց․

«Այո, մեղավոր մարդու արյունը խմելը շատ ավելի հաճելի է․ չէ՞ որ պատահում է, որ ես խմում եմ անմեղ մարդկանց արյունը»։

Կուլլերվոն թրի դաստակն ամուր խրեց գետնի մեջ։ Շապիկն իր վրայից դեն նետեց և կրծքով ընկավ սուր ծայրին։ Եվ կյանքում լավ օր չտեսած տղան տեղն ու տեղը մեռավ։

Ահա՛, այսպես մեռավ Կալեվի խիզախ այրը, այսպես կյանքից բաժանվեց անբախտ հերոսը։

Ծերունի Վեյնեմեյնենը լսեց, թե ինչ վախճան ունեցավ խիզախ Կուլլերվոն և այսպես խոսեց․

«Ո՜վ դուք գալիք սերունդներ, մի՛ թողեք, որ ձեր երեխաների դաստիարակները լինեն բանականությունից զուրկ տխմար մարդիկ։

Մի՛ թողնեք, որ օտարները ձեր մանկիկների օրորոցին մոտենան։ Նրանք չեն ուզում, որ ձեր երեխաները խելոք և բանիմաց լինեն, իրենց հայրենիքի համար զորավոր այրեր դառնան։ Մանուկ օրերից վատ դաստիարակված երեխան, ինչքան էլ մեծանա, ինչքան էլ մարմնով զորեղանա, հայրենիքին պիտանի, իմաստուն մարդ չի դառնա»։

Ռունա ԼԷ

Իլմարինենը ողբում է իր կնոջ կորուստը․ ոսկուց և արծաթից կոփում֊քանդակում է նոր կին

Անքուն գիշերներ էր անցկացնում Իլմարինենը։ Բերանը չէր կարողանում պատառ դնել։ Լալիս էր և ողբում․ չէ՞ որ կորցրել էր իր սիրած կնոջը։ Այլևս չէր կարողանում մուրճը ձեռքն առնել․ մեկ ամիս էր, որ նրա դարբնոցից ծուխ չէր բարձրանում։

Եվ այսպիսի խոսքերով անիծում էր իր չար բախտը։

«Ի՞նչ անեմ, որ ազատվեմ այս ծանր վշտից։ Քնած թե արթուն մտածում եմ ու չգիտեմ, թե ի՞նչը թողնեմ, ինչի՞ց սկսեմ։ Մեկ֊մեկ գիշերները երազումս տեսնում եմ իմ սիրելի կնոջը, ձեռքս երկարում եմ, որ իմ անուշ թռչնակիս բռնեմ, բայց ձեռքս դիպչում է իմ սառ մահճակալին և ես զարթնում եմ ու մինչև լույս տանջվում»։

Երկու֊երեք ամիս այսպես տառապեց հմուտ դարբինը, միշտ հիշելով և ողբալով իր սիրածի կորուստը։

Երբ հասավ չորրորդ ամիսը, նա գնաց՝ ծովի հատակից ոսկի հանեց, ավազների միջից արծաթ հավաքեց և բերեց իր դարբնոցը, որ ոսկուց և արծաթից իր համար նոր կին սարքի։

Երեսուն սայլ փայտ բերեց, քուրայի մեջ ածուխ լցրեց, և հրամայեց իր ծառաներին, որ փուքսն ուժեղ փչեն, որ կրակը թեժանա քուրայում։

Եվ երբ կրակը թեժացավ, Իլմարինենը քուրայի մեջ լցրեց ոսկին ու արծաթը։ Բայց ինչքան էլ կրակը թեժ էր, ինչքան էլ ծառաները նորից փուքսը փչեցին և կրակն ավելի բորբոքեցին, սակայն ոչ ոսկին, ոլ էլ արծաթը չհալվեցին։

Այն ժամանակ Իլմարինենը ինքն սկսեց փուքսը փչել։ Իր զորեղ բազուկներով փչեց մեկ անգամ, երկու անգամ և երբ երրորդ անգամն էլ փչեց՝ ջեռ կրակի միջից դուրս վազեց մի գառնուկ։ Գառնուկի մի կողմը բուրդը ոսկուց էր, մյուս կողմինը արծաթից։

Բոլորն սկսեցին գովել դարբնի վարպետությունը, թե ի՜նչ գեղեցիկ գառնուկ է սարքել։ Բայց ինքն՝ Իլմարինենը գդժգոհ էր։ Եվ այսպես խոսեց նա․

«Այս գառնուկը գայլին է հարկավոր, իսկ ես կուզեի, որ ոսկուց և արծաթից ստեղծվեր իմ սիրելի կինը»։

Նա գառնուկին կրկին նետեց քուրայի մեջ, ավելացրեց ոսկի և արծաթ և հրամայեց ստրուկներին փուքսը փչել։ Մի կողմից ստրուկները փուքսն են փչում, կրակը թեժացնում, մյուս կողմից դարբինը կրակխառնիչով ածուխն է շուռ ու մուռ տալիս, որ ոսկին ու արծաթն իր ուզածով հալվեն և նրանցից ստացվի իր հարսնացուն։

Ստրուկները թեև քափ քրտինքի մեջ մտած աշխատում են, բայց չեն կարողանում շատ թեժացնել կրակը։ Իլմարինենը նորից մոտեցավ փուքսին․ փչեց մեկ անգամ, երկու անգամ և երբ երրորդ անգամն էլ փչեց՝ ջեռ քուրայից դուրս վազեց մի մտրուկ։ Նրա գլուխն արծաթից է, բաշը ոսկուց, սմբակները պղնձից են, մտրուկն աշխույժ թռչկոտում է այս ու այն կողմ։ Բոլորն հիացած են, թե ինչ գեղեցիկ մտրուկ է սարքել դարբինը, բայց դժգոհ է միայն ինքը՝ Իլմարինենը և այսպիսի խոսքեր է ասում։

«Սա միայն գայլին է հարկավոր, իսկ ես կուզեի, որ քուրայից դուրս գար իմ սիրելի կինը»։

Մտրուկն էլ դարբինը նետեց քուրայի մեջ․ այս անգամ ավելի շատ ոսկի և արծաթ ավելացրեց․ հրամայեց ստրուկներին փուքսը փչել, կրակը բորբոքել։

Նորից ստրուկները չկարողացան կրակը բորբոքել այնպես ուժեղ, որ ոսկին ու արծաթը հալվեն֊ձուլվեն։ Այս անգամ էլ դարբինն ինքը մոտեցավ փուքսին և զորեղ բազուկներով փչեց մեկ անգամ, երկու անգամ և երբ երրորդ անգամն էլ փչեց, ասաց մի տեսնեմ, թե ի՞նչ է ստացվել քուրայի մեջ։

Մոտեցավ֊չմոտեցավ՝ քուրայի միջից դուրս եկավ մի չքնաղ աղջիկ։ Գլուխն արծաթից էր, մազերը ոսկուց, բոյն ու բուսը մի հրաշք։ Բոլոր տեսնողները զարմանքից քարացան։

Իլմարինենը շատ ուրախացավ և սկսեց աշխատել ու տքնել, ինչպես ոսկերիչն է տքնում նուրբ քանդակի վրա։ Նա աշխատեց գիշեր ու ցերեկ․ աղջկա թևերը և ոտքերը, բերանն ու շրթունքներն այնպիսի նրբությամբ քանդակեց֊հղկեց, որ տեսնողը կասեր, թե իսկական մսից ու ոսկորից կազմված չքնաղ աղջիկ է։ Եվ դարբինն ինքն իրեն խոսեց․

«Ի՜նչ լավ կլիներ, որ այս չքնաղ աղջիկը շուտով կարողանար խոսել, հոգի և շունչ առներ մարմինը»։

Դարբինը ոսկեղեն֊արծաթեղեն աղջկան տուն բերեց, տարավ դրեց անկողին, գլխի տակը բմբուլե բարձ դրեց, վրան էլ մետաքսյա վերմակ քաշեց։

Ինքն էլ գնաց բաղնիքը, տաք ջրով մի լավ լողացավ֊մաքրվեց, ապա իր անկողինն էլ սարքեց կնոջ կողքը, վրան քաշեց արջի մորթուց կարած տաք վերմակ և պառկեց։

Եվ ինչքան տաքացնում էր արջի մորթուց կարած վերմակը, այնքան սառն էր, երբ դիպչում էր ոսկեղեն֊արծաթեղեն կնոջը։

Եվ դարբինն ինքն իրեն խոսեց․

«Ինչպե՞ս կարող եմ ապրել մի կնոջ հետ, որ ոչ կարող է խոսել, ոչ էլ հոգի ու շունչ կա մեջը։ Ավելի լավ է տանեմ նվեր տամ իմաստուն Վեյնեմեյնենին․ նա կիմանա ինչ անել, որ այս չքնաղ աղջիկն իրեն ընկեր դառնա»։

Մյուս օրը քանդակը տարավ Վեյնեմեյնենի մոտ և այսպես խոսեց․

«Ո՛վ դու ծերուկ Վեյնեմեյնեն, վերցրու, քեզ նվեր եմ տալիս այս չքնաղ աղջկան»։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը մի հայացքով արձանը չափեց ոտից֊գլուխ և այսպես խոսեց․

«Ինչո՞ւ համար ես դու այս ոսկեղեն քանդանկն ինձ մոտ բերել»։

Իլմարինենը պատասխանեց․

«Բերել եմ, որ քեզ համար կյանքի ընկեր լինի այս չքնաղ աղջիկը»։

Այսպես խոսեց ծերուկ Վեյնեմեյնենը․

«Ով դու դարբին, եղբայր իմ սիրելի, ավելի լավ է դու այս արձանը նորից կրակը նետիր և ավելի պիտանի բաներ սարքիր մարդկանց համար։ Կամ էլ թե չէ տար գերմանացի կամ ռուս հարուստներին վաճառիր, որ նրանք զվարճանան սրանով։ Պատիվ չի բերում մեր տոհմին, ինչպես նաև ինձ, ծերուկիս, որ մենք արծաթից և ոսկուց կին ունենանք»։

Եվ ծերուկ Վեյնեմեյնենը, նույն ինքը Սուվանտոլայենը, նոր եկող սերնդին ավանդեց՝ չստրկանալ ոսկու առաջ, արծաթով չհրապուրվել, և այսպես ավարտեց խրատը․

«Ո՛վ դուք իմ սիրելի զավակներ, դուք կյանք մտնող հերոսներ, լավ օրի լինենք, թե վատ օրի, քանի ձեր գլխավերևում փայլում է արևը, զգուշացե՛ք և երբեք ձեր կյանքը չկապենք ոսկեղեն֊արծաթեղեն աղջկա հետ․ Ոսկին էլ, արծաթն էլ պաղ են, ինչպես սառույցը»։

Ռունա ԼԸ

Իլմարինենը գնում է Պոխյոլա մեռած կնոջ կրտսեր քրոջ հետ ամուսնանալու նպատակով․ բայց քանի որ քենին չի համաձայնում՝ դարբինը նրան փախցնում է

Իլմարինեն՝ ճարտար դարբինը, տան մի անկյունը նետեց ոսկուց և արծաթից պատրաստած գեղեցկուհին։

Որոշեց կրկին գնալ Պոխյոլա և ամուսնանալ Լոուխիի կրտսեր աղջկա հետ։ Ձին լծեց սահնակին և ճամփա ընկավ։

Մեկ օր գնաց դյուցազնը, երկու օր գնաց, երրորդ օրվա վրա հասավ Պոխյոլա։ Լոուխին հենց բակում դիմավորեց դարբնին և ուզեց անմիջապես իմանալ, թե ինչպե՞ս է ապրում իր աղջիկը․ արդյոք սկեսուրի հետ հա՞շտ է, հո բանի պակասություն չունի։

Իլմարինենը գլուխը կախեց, գլխարկը մի կողմի վրա թեքվեց․ տխուր ձայնով ասաց․

«Էլ մի հարցնիր, ով իմ զոքանչ, թե ոնց է ապրում քո աղջիկը։ Անժամանակ մեռավ նա․ անբախտ աղջկան հողը դրինք․ այն գեղեցիկ մարմինը, ոսկեգույն մազերը գերեզման իջեցրինք։ Այժմ ես եկել եմ, որ դու ինձ կնության տաս քո կրտսեր աղջկան, որ նա գա ու նստի այն նստարանին, որտեղ նստած էր նրա քույրը»։

Լոուխին բարկացավ և ասաց․

«Ես շատ վատ արի, որ իմ աղջկան քեզ կնության տվի․ իմ չքնաղ աղջիկը ջահել֊ջահել մեռավ․ լավ էր նրան գայլի ճանկը գցեի, քան քեզ տայի։ Կրտսեր աղջկանս չե՛մ տա․ ավելի շուտ ես հարազատ աղջկանս աղմկոտ ջրվեժի մեջ կնետեմ, ծովի ձկներին կերակուր կդարձնեմ, քան թե քեզ կնության կտամ, որ գա քո մրոտ ոտն ու գլուխը և կեղտոտ շորերը մաքրի»։

Այս խոսքերից ճարտար դարբնի մազերը բիզ֊բիզ կանգնեցին։ Նա մյուս սենյակը մտավ և դիմեց աղջկան․

«Ով դու չքնաղ աղջիկ, իմ կինը դարձիր, մտիր իմ տունը, նստիր քո քրոջ նստարանին, ինձ համար մեղրահաց թխիր և ընտիր գարեջուր պատրաստիր»։

Հատակին նստած էր մի տղա․ այսպես խոսեց այդ փոքրիկը․

«Կորի՛ր այստեղից, հեռացիր մեր տանից․ արդեն մի անգամ եկար և մեծ վիշտ պատճառեցիր մեզ։ Իսկ դու, իմ սիրելի քույրիկ, չլինի թե դրա խոսքին համոզվես ու մարդի գնաս։

Դրա անուշ խոսքի ետևում թաքնված է գայլային ռեխը, աղվեսային խորամանկությունը և արջի նման կոպիտ մարդը։ Նա կարող է միայն մարդկանց մեջքը ջարդել, նրանց արյունը թափել»։

Իսկ աղջիկն այսպիսի խոսքեր ասաց Իլմարինենին․

«Ես քեզ պես անպիտան մարդու հետ չեմ ամուսնանա։ Դու քո կնոջը, որ իմ հարազատ քույրն էր, մեռցրիր․ կարող ես և ինձ սպանել։ Արժե, որ ինձ նման աղջիկն ավելի լավ ամուսին ունենա, այնպիսի ամուսին, որի հասակն ավելի բարձր լինի, որ ավելի շքեղ սահնակ և ավելի լավ տուն ունենա, և ո՛չ թե մարդի գնալ ածուխի մրի մեջ կորած մի դարբնի»։

Բարկացավ Իլմարինենը, դեմքը խոժոռեց, հասավ բռնեց աղջկան, քաշ տվեց, դուրս հանեց սենյակից, նստեցրեց իր սահնակին և ճամփա ընկավ․ մեկ ձեռքով ձիու սանձն էր բռնել, մյուսով աղջկա մեջքն էր գրկել։

Աղջիկը դառն֊դառն լաց եղավ, ասաց․

«Ա՜խ, ինձ տանում ես դեպի ճահիճները, ուր միայն կնյունն է աճում, այնտեղ ես՝ թռչնակս վշտից կմեռնեմ․․․ ո՜հ, ճարտար դարբին Իլմարինեն, թե որ ինձ բաց չթողնես, ես ոտքերովս այնպես կխփեմ, որ քո սահնակը ջարդ ու փշուր կլինի»։

Իլմարինենը պատասխանեց․

«Իմ սահնակն այնպիսի պինդ երկաթից եմ սարքել, որ քեզ պես գեղեցկուհին իր ոտքերի հարվածով չի կարող ջարդել»։

Աղջիկը, որ գեղեցիկ գոհարներով և ոսկեղեն զուգսով էր զարդարված, զայրույթից մատներն է ցավեցնելու չափ կոտրատում և այսպիսի խոսքեր է ասում։

«Եթե ինձ չազատես, սիգ ձուկ կդառնամ և կսուզվեմ ծովի խորքերը»։

Իսկ դարբինը պատասխանում է․

«Ինձնից չես ազատվի․ ես գայլաձուկ կդառնամ ու կհասնեմ քո ետևիղ»։

Զուգված֊զարդարված աղջիկն աղեկտուր լաց է լինում և այսպիսի խոսքեր է ասում․

«Թե ինձ չազատես, ես եղնիկ կդառնամ, անտառները կփախչեմ, լեռները կմագլցեմ»։

Ճարտար դարբին Իլմարինենն ասաց․

«Ինձնից չես ազատվի, գայլ կդառնամ, քեզ կբռնեմ»։

Ավելի աղիողորմ է լաց ու կոծ անում աղջիկը և ասում է․

«Եթե ինձ չազատես, արտույտ կդառնամ, կթաքնվեմ ամպերում»։

«Ինձնից չես ազատվի, արծիվ կդառնամ, մագիլներիս մեջ կառնեմ»։

Քիչ էլ գնացին, հանկարծ ձին փնչացրեց ու կանգնեց․

Աղջիկը գլուխը սահնակից դուրս հանեց, ձյան վրա ինչ֊որ հետք նկատեց ու հարցրեց․

«Ո՞վ անցավ այս ճամփով»։

Դարբինը պատասխանեց․

«Նապաստակ փախավ այս ճամփով»

Աղջիկն հոգոց հանեց ու ասաց․

«Ավա՜ղ, երանի ես, թշվառս, այդ նապաստակի հետ գնայի, այդ շլդիկի հետ ապրեի, քան թե քեզ նման ամուսնու հետ ճմրթված վերմակի տակ մնայի։ Նապաստակի մազերն ավելի լավն են, բերանն ավելի գեղեցիկ է»։

Ճարտար դարբինը զայրացավ, կծոտեց շրթունքներն ու քշեց ձին։ Քիչ հետո ձին ավելի ուժեղ փռնչաց․

Աղջիկը նորից հետք նկատեց ձյան վրա և ասաց․

«Մի ինչ֊որ կենդանի փախավ այս ճամփով»։

Իլմարինենը պատասխանեց․

«Աղվեսը փախավ այս ճամփով»։

Աղջկա լացն աչքերից չէր կտրում․ ողբալով ասաց․

«Ավա՜ղ, ես ավելի լավ կապրեի, եթե ճամփորդեի աղվեսի սահնակով․ չե՛մ ուզում դարբնի կինը դառնամ․ չե՛մ ուզում նրա հետ մի վերմակի տակ քնեմ։ Աղվեսի մազերն ավելի լավն են, բերանն ավելի գեղեցիկ է»։

Ճարտար դարբնի զայրույթին սահման չկա․ շրթունքներն է կծոտում և քշում ձին։ Քիչ անց ձին ավելի աղմկալից փռնչաց․

Աղջիկը կրկին դուրս նայեց․ էլի ձյան վրա ինչ֊որ կենդանու հետք նկատեց և հարցրեց․

«Ո՞վ անցավ այս տեղով»։

Դարբինը պատասխանեց․

«Գայլը փախավ այս ճամփով»։

Աղջիկն ավելի ծանր հառաչեց․ արցունքներն ավելի վարար հոսեցին, ողբաց և ասաց․

«Ավա՜ղ, ես թշվառս, եթե այդ գայլի հետ գնայի, ավելի լավ կապրեի։ Մի՞թե ապրեմ չսիրածս մարդու հետ, նրա հետ մի ճրմրթված վերմակի տակ գիշերները լուսացնեմ։ Գայլի մազերն ավելի լավն են, նրա բերանն ավելի գեղեցիկ է»։

Իլմարինենը կրակ կտրած մտրակում է ձիուն, քշում է սահնակը և գիշերն հասնում է մի գյուղ։

Հոգնած֊դադրած դարբինը խոր քուն մտավ։ Իսկ չար աղջիկն ուրիշ տղաների հետ ժամանակ անցկացրեց և ծաղր ու ծանակեց քնած ամուսնուն։

Առավոտ շուտ դարբինը զարթնեց, աչքերը խոլորեց, շրթունքները դողդողացին, քանի որ Լոուխիի աղջիկը դարձյալ նույնն էր ասում, չէր ուզում դարբնի հետ ամուսնանալ։

Այս անգամ դարբինը շատ խիստ բարկացավ, ինքն իր հետ խոսեց․

«Արդյոք չերգե՞մ կախարդական երգեր, չար հարսնացուիս դարձնեմ անտառի կամ ծովի գազան։ Բայց թե այդ գազանն անտառ թողնեմ՝ այնտեղի կենդանիները կվախենան, թե ծովը թողնեմ՝ ձկները դես ու դեն կփախչեն․ ավելի լավ է թուրս քաշեմ ու սպանեմ սրան»։

Թուրը հասկացավ դարբնի միտքը, լեզու առավ, խոսեց․

«Ես նրա համար չեմ սարքված, որ թույլ կանանց ոչնչացնեմ, որ թույլ մարդկանց կյանքից զրկեմ»։

Դարբինը թուրը տեղը դրեց և ուժեղ ձայնով սկսեց կախարդական խոսքեր ասել։ Ասաց, ասաց և ահա՛ հարսնացուն դարձավ որոր հավք։ Եվ որոր հավքը թռչկոտում էր ժայռից ժայռ, պտտվում էր ծովի փրփուրների վրա թե լավ թե վատ եղանակներին։

Դարբինը նստեց սահնակ և տխուր տրտում հասավ իր հայրենի աշխարհը․ անցավ հայրենի երկրի մարգագետիններով։ Ճանապարհին նրան հանդիպեց ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը և հարցրեց․

«Եղբայր իմ Իլմարինեն, ինչո՞ւ ես այդպես տխուր, գլխարկդ ինչո՞ւ է թեքված։ Դու Պոխյոլայից վերադարձար, չէ՞։ Պատմի՛ր, ինչպե՞ս են ապրում այնտեղ»։

Պատասխանեց ճարտար դարբինը․

«Եվ ինչո՞ւ Պոխյոլայում լավ չապրեն։ Սամպոն անդադրում աղում է նրանց համար։ Մեկ օր աղում է, որ ժողովուրդը գոհանա, մի օր էլ աղում է վաճառքի համար, երրորդ օրն էլ աղում է խնջույքի համար։ Այո՛, քանի որ Պոխյոլայում կա Սամպո, այնտեղ շատ լավ կապրեն, այնտեղ արտն ու հանդը և ամեն տեսակ բույսերը առատ բարիքներ են տալիս և կտան։ Իսկ Սամպոն միայն մեկ հատ կարելի է սարքել, երկրորդն այլևս չի սարքվի»։

Մտածեց ծերուկ Վեյնեմեյնենը, ասաց․

«Իսկ ի՞նչ եղավ քո հարսնացուն, որտե՞ղ մնաց այն չքնաղ աղջիկը․ ինչո՞ւ ես մենակ վերադարձել»։

Դարբինը պատասխանեց․

«Ես իմ անպետք կնոջը ծովային որոր դարձրի։ Եվ այժմ նա ծովափին՝ ժայռերի վրա թևերն է թափահարում, ճչում է ու կռնչում, անցնող դարձողի ականջն է խլացնում»։

Ռունա ՌԹ

Վեյնեմեյնենը և Իլմարինենը մեկնում են Պոխյոլա Սամպոն բերելու

Ծերուկ Վեյնեմեյնեն ասաց․

«Ճարտար դարբին Իլմարինեն, արշավենք դեպի Պոխյոլա և բերենք մեր պսպսղուն կափարիչով հրաշք֊ինքնաղաց Սամպոն, դո՛ւ կառուցեցիր այն, մեր ժողովուրդը պիտի օգտվի նրա բարիքներից»։

Դարբինը պատասխանեց․

«Անհնար է Սամպոն վերցնել այն մռայլ Պոխյոլայից․ հրաշագործ ինքնաղացը Լոուխին փակել է պղնձակուռ անձավի մեջ, սարքել է ամուր պատվանդան և պատվանդանն էլ երեք ոտքերով՝ ամեն մեկը իննը սաժեն, խրել է գետնի մեջ․ մեկ ոտքը խրված է քարանձավի տակը, մյուս ոտքը հասնում է ծովափ, երրորդն էլ ժայռի կողմն է թեքված․ անձավի դուռն էլ իննը կողպեքով կողպել է»։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնեն ասաց․

«Եղբայր իմ Իլմարինեն, գնանք ինձ հետ Պոխյոլա և անպայման մենք կտիրանանք Սամպոյին․ ինչքան էլ հրաշք֊ինքնաղացը ամուր փակված լինի մռայլ անձավում, միևնույն է, մենք կգտնենք ու կբերենք, միայն թե մի մեծ նավ սարքենք, որպեսզի նրա վրա տեղավորենք պսպղուն կափարիչով Սամպոն»։

Իլմարինենը պատասխանեց․

«Ավելի լավ է ցամաքով գնանք․ ծովի ճամփան վտանգավոր է, փոթորիկը կարող է մեր նավը խորտակել, մեզ ծովը թափել և մենք ստիպված մեր թևերը պիտի թիեր դարձնենք, արմունկները ղեկ և լողանք փրփրոտ ալիքների վրա»։

Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Թեև ցամաքով գնալն ավելի անվտանգ է, բայց հեշտ չէ․ թե շատ հեռու է և թե շատ թեքություններ ու բարձրունքներ պիտի անցնենք մինչև տեղ հասնենք։ Իսկ ծովի վրա նավը կսլանա քամու ուժով, ալիքներն էլ առաջ կմղեն և շուտ տեղ կհասնենք․ բայց թե չես ուզում ծովով ճամփորդենք, գնանք ցամաքով, ծովի ափերով։ Միայն թե դու ինձ համար մի պինդ թուր սարքիր, թուր որ կայծեր արձակի, որպեսզի շներին հալածեմ, այն մռայլ մշուշապատ աշխարհում իմ դեմ կռվի ելնող պախյոլցիներին հաղթեմ»։

Իլմարինենը հրամայեց իր ծառաներին դարբնոցի հնոցը շիկացնել․ երբ հնոցը շիկացավ, ճարտար դարբինն այնտեղ նետեց պողպատ ու երկաթ, ոսկի և արծաթ։ Ստրուկներն ավելի թեժացրին կրակը և մետաղները հալվեցին, հունցվեցին, ոնց որ խմորն է հունցում։

Ւլմարինենը թեքվեց դեպի հնոցը, որ տեսնի, թե մետաղն ինչ ձև է առել, և երբ ոսկյա դաստակը ձևավորվեց, դարբինն հանեց մետաղյա զանգվածը, դրեց զնդանին ու մուրճը ձեռքն առնելով սկսեց կոփել․ քիչ հետո արդեն կայծակնացայտ թուրը պատրաստ էր։

Ծերուկ Վեյնեմեյնենը թրի դաստակից բռնեց, նայեց֊զզնեց վարպետի սարքած զենքն ու ասաց․

«Շատ վարպետորեն, դյուցազնին հարմար թուր է սարքված․ ինձ դուր է այս թուրը»։

Եվ ինչպե՞ս դուր չգար․ ամուր, պողպատյա երկսայր թրի դաստակը ոսկեղեն էր․ թրի վրա այսպիսի զարդեր էին դաճված․ մեջտեղը արև․ մի կողմը լուսին, մյուս կողմն աստղեր, ներքևի մասում վերնջացող ձի էր, վերևում մլավող կատու և հաչող շուն։

Վեյնեմեյնեն ասաց․

«Այս թրով ես կարող եմ ամուր ժայռերը կտրել, մաս֊մաս անել սարերը»։

Ճարտար դարբինն ասաց․

«Իսկ ես անճարս, ինչպե՞ս պաշտպանվեմ, ի՞նչ անեմ, որ ծովի և ցամաքի վրա հանդիպող փորձանքներից ազատվեմ․․․ մի քիչ էլ սպասիր, ծերուկ Վեյնեմեյնեն, որ ես էլ պատրաստվեմ ահեղ կռվին»։

Դարբինը նորից փուքսն ու հնոցը, զնդանն ու մուրճը գործի դրեց․ Իր համար երկաթե վերնաշապիկ սարքեց, մի այնպիսի զգեստ, որ հագնի թե չէ, էլ իրեն չի կարող պատուհասել ո՛չ նետը, ո՛չ նիզակը, ո՛չ էլ սուրը։ Հագավ զգեստները, զենքն ու զրահը կապեց և ասաց․

«Զրահակաիր դյուցազնը անխոցելի է»։

Քիչ հետո Վեյնեմեյնենը և Իլմարինենը գնացին անտառ, գտան երկու ուժեղ արագավազ ձիեր, նստեցին և երբ վարգով մոտեցան ծովափին, հանկարծ ծովի կողմից լսեցին աղաղակ․ ինչ֊որ մեկը ողբում էր։

Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնեն ասաց․

«Այդտեղ երևի մի դժբախտ աղջիկ է լաց լինում, պետք է գնամ տեսնեմ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է ողբում»։

Եվ երբ գնաց ծովափ՝ ի՞նչ տեսնի․ աղջիկ չէր, որ լալիս էր․ դա նավակն էր ողբում։ Ծերունին հարցրեց․

«Ինչո՞ւ ես լալիս, փայտաշեն նավակ, չլինի՞ թե ղեկդ սարքին չէ, լավ թիեր չկա՞ն, որ լողաս ծովում»։

Նավակը պատասխանեց․

«Ես ուզում եմ ծովում լողալ, այնպես ինչպես կպրով պատած մյուս նավակները․ ինչպես աղջիկն է ուզում հորական տանից ամուսնու տունը գնալ։ Երբ կառուցում էին ինձ, ասին․ «Դու ռազմական նավակ պիտի դառնաս, կռիվներին պիտի մասնակցես, գանձեր պիտի բարձեն քեզ վրա, ավար պիտի բերես դու» Ա՜յ, մյուս նավակներն արդեն կռիվ են գնացել և վերադարձել են՝ բեռնված գանձերով ու ավարով։ Իսկ ես եղած նավակների մեջ ամենալավ և ամրակուռն եմ, բայց ընկած եմ ծովափին և չորանում եմ, միայն որդերն են բուն դրել իմ կողերին․ մեկ֊մեկ էլ գորտերն են թռչկոտում շուրջ֊բոլորս․ եթե ես անբան պիտի մնամ, ավելի լավ էր, որ անտառում բուսած կեչի մնայի, որ իմ շուրջը սկյուռներ վխտային և շնիկները վազվզեին»։

Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնեն ասաց․

«Մի՛ լար, դու փայտաշեն նավակ․ շուտով դու հերոսներին քո մեջքի վրա կառնես, ռազմական նավ կդառնաս և թեժ կռիվներին կմասնակցես, միայն թե ասա՛, արդյոք քեզ սաքողը լա՞վ վարպետ է եղել․ կարո՞ղ ես դու ծովը մտնել, եթե ոչ ոք մատով չդիպչի քեզ, ուսովը քեզ դեպի ծովը չհրի»։

Նավը պատասխանեց․

«Ոչ մի նավ էլ ծովը չի մտնի, եթե նրան չհրեն և չջրարկեն»։

Վեյնեմեյնենն ասաց․

«Եթե քեզ ջրարկենք, կարո՞ղ ես դու առաջ գնալ առանց թիավարելու, առանց ղեկի չե՞ս շեղվի ճամփից, ալիքների մեջ առանց առագաստի չե՞ս կորչի խորտակվի»։

Նավը պատասխանեց․

«Իմ բոլոր ընկերակից նավերին միշտ էլ օգնել են թիավարները, անխափան ղեկը միշտ ուղիղ ճամփա է ցույց տվել, իսկ բարենպաստ քամին էլ առագաստին է ուղղություն տվել։ Ես ինքս էլ ոչնչով պակաս չեմ իմ ընկերակից֊եղբայր նավերից»։

Նորից հարցմունք արավ ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը։

«Ասա՛ ինձ, ով դու ամրակուռ նավ, եթե ես քեզ ջրարկեմ, եթե թիավարներն սկսեն թիավարել, ղեկն էլ ընթացք տա քո վազքին, քամին էլ քո առագաստներին ուղղություն տա, դու ջրի վրա ուղիղ անխափան կլողա՞ս»։

Նավը պատասխանեց․

«Թեկուզ հարյուր մարդ էլ նստի, թեկուզ հազարն էլ նստի ինձ վրա, ես բոլորին էլ տեղ կհասցնեմ, ուղիղ անխափան կերթամ այնտեղ, որտեղ կցանկանան հերոսները»։

Այն ժամանակ Վեյնեմեյնենը և Իլմարինենը ձիերը թողեցին ծովափին, նավը ծովն իջեցրին։ Ծերուկը նավը մտավ թե չէ, սկսեց իր հերոսական երգերը։ Եվ իմաստուն երգասացի երգերը լսելով՝ հավաքվեցին կտրիճները․ ինքը Վեյնեմեյնենը նստեց նավակի վերջում և ղեկն առավ ձեռքը։ Իլմարինենը նստեց նավախելի մոտ։ Նավի մի կողմում նստեցին կտրիճ տղաներ, մյուս կողմում սիրունիկ, զուգված֊զարդարված աղջիկներ, իսկ մեջտեղում տարիքավորները։

Վեյնեմեյնենը թե ղեկն էր պահել ձեռքում և թե շարունակում էր երգել․

«Սլացի՛ր իմ նավ ալիքների վրայով․ սլացի՜ր, ինչպես պղպղջակն է լողում ջրի հոսանքի ուղղությամբ»։

Սկզբում տղաներն էին թիավարում, բայց նավը շատ դանդաղ էր գնում, հետո աղջիկներն սկսեցին թիավարել, էլի նավակը դանդաղ էր առաջ շորժվում։ Սկսեցին տարիքավորները թիավարել, բայց կարծես նավը տեղում կանգնած էր մնացել։

Վերջում Իլմարինենը թիերը ձեռքն առավ և սկսեց թիավարել․ նավն առաջ սլացավ․ լսելի էր միայն ջրերի ճողփյունը և թիակալների աղմուկը։

Եվ այնպես զորեղ սկսեց թիավարել Իլմարինենը, որ նավի կողերն ու նստարանները ճոճվում էին, արոսենուց սարքած թիերն էլ տնքում էին։ Նավացռուկը ձայներ էր արձակում ինչպես կարապը, թիակալներն էլ կռնչում էին, որպես ագռավները։

Ծերուկ Վեյնեմեյնենն էլ կարմիր ներկված ղեկի մոտ նստած ուղղություն է տալիս նավին։ Երեկոյան դեմ երգասացը մի հրվանդան նկատեց, ապա մի փոքրիկ գյուղ։

Այդ գյուղումն էր ապրում Լեմմինկայնենը, նույն ինքը Կաուկոմեյլին։ Շատ տխուր էր նա․ ո՛չ ուտելու հաց ուներ, ո՛չ էլ ձուկ էր ընկնում ուռկանը։ Նա ջարդված նավակն էր ուզում սարքի գցել, որ մի տեղ գնա, ուտելիք ճարի։

Լեմմինկայնենը շատ լավ լսողություն ուներ, աչքերն էլ արդեն հեռվից֊հեռու ամեն ինչ տեսնում֊ջոկում էին։ Դյուցազնը նայեց դեպի հյուսիս, դեպի արևմուտք, հետո արևակողմը և ահա տեսավ, որ իրենց կղզուն է մոտենում մի նավ։ Զարմացավ Լեմմինկայնենը, երբ մոտից տեսավ նավը․ այդպիսի գեղեցիկ, ամրակուռ նավ նա կյանքում չէր տեսել։ Երբ տեսավ նաև ղեկի մոտ նստած ծերունուն, Լեմմինկայնենը ինչքան ուժ ուներ գոռաց․

«Ո՞ւմ նավն է սա, այս ի՞նչ նավ է, որ ճոճվում է ալիքների վրա»։

Կտրիճ տղաներն ու աղջիկները պատասխանեցին․

«Իսկ դու ո՞վ ես, ինչացո՞ւ ես․ երևի, ո՜վ դյուցազն, աչքերդ լավ չեն տեսնում․ մի՞թե չճանաչեցիր, թե ո՛վ է նստած ղեկի մոտ, ո՛վ է թիավարողը»։

Լեմմինկայնենը մեկ էլ նայեց ու ասաց․

«Ա՛յ հիմա ճանաչեցի․ ղեկի մոտ նստած է ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը, թիավարողն էլ ճարտար դարբին Իլմարինենն է։ Դե՛, հիմա խնդրում եմ ինձ ասեք, ով փառապանծ այրեր, ո՞ւր եք գնում դուք փրփրուն ալիքների վրայով»։

Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Մենք գնում ենք դեպի հյուսիս, մեր նավը լողում է դեպ Պոխյոլա․ գնում ենք, որ մեր հրաշք֊ինքնաղաց Սամպոն գերությունից ազատենք բերենք։ Ես ուզում եմ, որ պսպղուն կափարիչով հրաշք֊ինքնաղացի ստեղծած բարիքը բոլորը վայելեն, որ ամենքի տունը լցվի նրա ստեղծած բարիքներով և մարդիկ երջանիկ ապրեն»։

Ուրախ Լեմմինկայնեն ասաց․

«Ո՜վ դու ծերուկ Վեյնեմեյնեն, վերցրու ինձ քո նավակը։ Ես երրորդ հերոսը կլինեմ։ Դու գնում ես դժվար գործի, գնում ես, որ Սամպոն բերես։ Թե կռվել հարկ լինի, ես տղամարդավարի կկռվեմ, թևերս էլ, ուսերս էլ ուզածիդ պես զորեղ են»։

Ծերուկ հավատարիմ Վեյնեմեյնենը սիրով իր նավակն ընդունեց Լեմմինկայնենին, այն քաջ հերոսին, որին շատ նեղություն էր տվել Պոխյոլայի տիրուհին և նա ուզում էր գնալ, փրկել հրաշք֊ինքնաղաց Սամպոն, այն ջադու Լոուխիի ճանկերից և իր վրեժը լուծել այդ երկրի դաժան մարդկանցից, ուր կախարդ տիրուհու բակում ցցերին բարձրացված հարյուրավոր գլուխներ կան և հարյուրներն էլ ճոճվում են կախաղաններից։

Եվ ահա՛ Լեմմինկայնենը վերցրեց մի քանի հատ լավ ռանդած տախտակներ ու նավը մտավ։

Ծերուկ Վեյնեմեյննենն ասաց․

«Իմ նավը լավ, ամրակուռ տախտակներից և գերաններից է պատրաստված։ Ինչո՞ւ համար ես բերել այդ տախտակները»։

Լեմմինկայնենը պատասխանեց․

«Ինչքան էլ նավը լավ պատրաստված լինի, ինչքան էլ զգույշ լինես, Պոխյոլայի ծովում ուժեղ մրրիկները հաճախ նավի տախտակներն են պոկում, գերանները ջարդ ու փշուր անում»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Այ, հենց այդ էլ ի նկատի ունենալով, մեր ռազմական նավի բոլոր հանգույցներն ամրացրել ենք երկաթով ու պողպատով, որպեսզի քամիները մեր նավին չվնասեն, փոթորիկները նավը ջարդ ու փշուր չանեն»։

Ռունա Խ

Վեյնեմեյնենը գայլաձկան ծնոտից սարքում է բազմալար երաժշտական գործիք՝ Կանտելե

Ծերուկ Վեյնեմեյնենը նավի ղեկը շուռ տվեց և հեռացավ հրվանդանի մոտ գտնվող փոքրիկ֊աղքատիկ գյուղից․ փրփրոտ ալիքների վրայով երգասացը նավը վարում էր դեպի առաջ և ուրախ երգերով մխիթարում֊ոգևորում էր նավի վրա գտնվող բոլոր ռազմիկներին։

Ծովափին մի քանի աղջիկներ կային, ձայն տվին․

«Այս ինչ անուշ երգեր են լսվում այդ նավից․ այդպիսի երգեր մենք երբեք չենք լսել»։

Նավը մի օր գնաց, երկու օր գնաց և երրորդ օրն հասավ ծովային մի անդունդի, ուր ուժեղ ջրապտույտներից նավերը խորտակվում էին։ Այն ժամանակ Լեմմինկայնենը, որ առաջներն անցել էր այդպիսի տեղերով, գիտեր թե ինչ երգեր են երգել ահարկու ջրապտույտին, սահանքին մոտենալիս, այսպես խոսեց․

«Ով դու սահանք, այդպես մի փրփրակալիր և մի աղմկիր։ Ծովի դուստր, դու բարձրացիր, նստիր ցցված ժայռերի վրա․ քո կրծքով և ձեռքերով սանձահարիր կատաղած ալիքները և թույլ մի տա, որ նրանք մեզ վնասեն։

Ով դու փրփուրների մեջ ապրող պառավ, բարձրացիր ալիքների վրա, մի թողնիր, որ նրանք մոլեգնեն, որպեսզի անմեղ մարդիկ չընկնեն ծովի խորխորատը։

Դուք, ծովի միջում ցցված ժայռեր, ձեր գլուխները խոնարհեցեք, որ մեր նավն անվնաս անցնի ալիքների վրայով։

Եթե այս բոլորը քիչ է, որ Կամմոյի որդի Կիվի֊Կիմմո, դու ծովի հատակի ժայռերը գայլիկոնով փորփրիր, մեծ անցքեր բաց, որ ալիքների սաստկությունը մեղմանա և մեր նավն անվնաս անցնի այս տեղանքով։

Ով սահանքների տիրակալ Մելաթար, դու վտանգավոր ջրապտույտների վրայով վուշից հյուսած պարաններ կապիր, որ մեր նավն անվնաս անցնի այդ պարանների վրայով․ այնպես արա, որ նույնիսկ անփորձ թիավարողն էլ նավակն անցկացնի ջրապտույտներով։

Եթե այս բոլորը քիչ է, ով դու երկնքի ու երկրի տեր բարձրյալդ Ուկկո, զսպիր ալիքները, հատակից դուրս ցցված ժայռերը մամուռ դարձրու, սանձահարի սահանքի որոգայթները, որ մեր նավն անվտանգ անցնի»։

Եվ Ուկկոն կատարեց հերոսի խնդիրը․ Վեյնեմեյնենը նավն առաջ մղեց․ նավն անցավ բոլոր խոչ ու խութերի, սահանքների և փրփրադեզ ալիքների վրայով և առաջ սուրաց։ Բայց քիչ անց հանկարծ նավը կանգնեց․ ինչքան թիավարում էին, էլ տեղից չէր շարժվում՝ ո՛չ առաջ, ո՛չ ետ։

Ճարտար դարբին Իլմարինենը, նրա հետ նաև ուրախ Լեմմինկայնենը նորից ու նորից թիերը գործի դրին, բայց նավն անշարժ էր իր տեղում։

Այն ժամանակ ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը ասաց․

«Դու, ուրախ Լեմմինկայնեն, թեքվիր ու նայիր, ինչո՞ւ է մեր նավը տեղում անշարժ կանգնել, գուցե թե ծովի հատակի մամուռներն են փաթաթվել կամ թե քարի է դեմ առել»։

Լեմմինկայնենը թեքվեց․ զուլալ ջրերի միջից մի լավ զննեց նավի տակն ու շուռ գալով ասաց․

«Մեր նավը ոչ քարի է դեմ առել, ոչ էլ մամուռներ են փաթաթվել նրան։ Նավը նստել է գայլաձկան մեջքին, ծովային այդ շան թիկունքին»։

Վեյնեմեյնենն ասաց․

«Ծովում փորձանքն անպակաս է․ դե, որ նստել ենք գայլաձկան մեջքին, քաշիր թուրդ և սպանիր ծովային այդ շանը»։

Ուրախ կտրիճ Լեմմինկայնենը քաշեց թուրը և այնպես ամուր խփեց ալիքներին, որ զորեղ թափից ինքն էլ ընկավ ալիքների մեջ։

Իլմարինենն անմիջապես բռնեց նրա գլխի մազերից, ջրից հանեց, բերեց նավն ու ասաց․

«Հարյուրավոր մարդիկ հասակն առել են, բեխ էլ ունեն, մորուք էլ, բայց հո բոլորն էլ հերոս չեն դառնա»։

Իլմարինենը քաշեց թուրը և թափով զարկեց։ Թափն այնքան ուժեղ էր, որ սուրը ջարդվեց՝ երկու կտոր եղավ, բայց գայլաձկան թեփուկներին անգամ չդիպավ։

Բարկացավ ծերունի Վեյնեմեյնենը և ասաց․

«Դուք հասուն տղամարդիկ եք, բայց մի երեխայի չափ խելք չունեք․ հապա վայե՞լ է հերոսին այսպես անշնորհք գործել»։

Ծերուկ երգասացը քաշեց իր թուրը և զորեղ բազուկներով այնպես ամուր և անվրեպ զարկեց, որ թուրը խրվեց գայլաձկան մարմնի մեջ․ հետո արդեն թուրը որսով հանդերձ բարձրացրեց և գայլաձուկը նետեց նավի հատակին։ Մինչ նավն առաջ էր ընթանում դեպի Պոխյոլա, նավի վրա գտնվող տղաներն ու աղջիկներն ահագին ձուկը կտրտեցին, գլուխը բաժանեցին մարմնից և մի լավ ճաշ պատրաստեցին։

Ճաշից հետո գայլաձկան գլխի ու մարմնի ոսկորները մի ահագին կույտ կազմեցին։ Վեյնեմեյնենը նայեց ոսկորներին և այսպես խոսեց․

«Ասա՛ ինձ, ճարտար դարբին Իլմարինեն, եթե այս գայլաձկան ահռելի ժանիքները և ծնոտը նետենք քո դարբնոցի հնոցի մեջ, ուր դու այնքան հրաշալի բաներ ես կոփում, ի՞նչ կստացվի դրանցից»։

Իլմարինենը պատասխանեց․

«Ոչինչ չի ստացվի այդ ձկան ոսկորներից․ նույնիսկ ամենահմուտ վարպետը դրանցից ոչինչ չի կարող ստեղծել․ ավելի լավ է ծովը նետիր, թող կորչի գնա»։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը ասաց․

«Այս ոսկորներից կարելի է շատ լավ երաժշտական գործիք՝ բազմալար Կանտելե սարքել և նրբին նվագով ու երգերով մարդկանց ուրախացնել»։

Եվ ինքը, ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը, սկսեց սարքել Կանտելեն։ Գայլաձկան ծնոտը, ոսկորները տաշեց նրբացրեց, իրար հարմարեցրեց, Հիյսիի ձիու մազերից լարեր սարքեց՝ քաշեց գործիքի ատամների վրա և ահա՛, պատրաստ էր բազմալար Կանտելեն։

Բայց ո՞վ պիտի նվագի գործիքի վրա։ Ծովափ էին հասել, այնտեղ հավաքվել էին շատ ծերեր և ջահելներ՝ տղա ու աղջիկ։ Եվ ահա, նրանք փորձեցին նվագել, բայց միայն տնկտնկոց էր լսվում և տհաճ աղմուկ։

Լեմմինկայնեն ասաց․

«Դուք անխելք տղաներ և անբան աղջիկներ, դուք չգիտեք նվագել, չեք կարող այս սիրուն գործիքից անուշ երգեր կորզել․ տվեք դնեմ ծնկներիս վրա և տեսե՛ք, թե տասն մատներս լարերին խփելով, ինչպիսի քաղցր նվագով ձեզ կզարմացնեմ»։

Լեմմինկայնենը սկսեց մատներով խփել լարերին՝ բան դուրս չեկավ, Կանտելեն այս ու այն կողմ շուռ տվեց, նորից մատներով խփեց մեկ այս լարին, մեկ մյուսին, բայց բացի տհաճ աղմուկից ոչինչ չստացվեց։

Մի կույր մարդ, երբ լսեց այդ աղմուկն ասաց․

«Դադարեցրեք այդ անպիտան աղմուկը։ Մարդու ականջները կարող են խլանալ նման ղռվռոցից։ Քանի որ այդ գործիքի վրա անհնար է մի լավ երգ նվագել, ավելի լավ է ծովը նետեցեք, թող կորչի անդունդների մեջ»։

Նույն րոպեին լարերը ձայն տվին և Կանտելեն խոսեց․

«Չե՛մ ուզում կորչել ծովի անդունդներում․ ինձ հանձնեցեք վարպետ երգչին և նրա հմուտ ձեռքերը, որ ստեղծեցին ինձ՝ այդ նույն հմուտ ձեռքերն ու մատները, երբ շարժվեն իմ լարերի վրա՝ դուք շատ դուրեկան, հոգեզմայլ նվագներ կլսեք»։

Եվ հանդիսավորապես Կանտելեն դրին հավերժական երգասացի ծնկներին․ այն մարդու, որ մեծ վարպետությամբ սարքեց բազմալար գործիքը։

Ռունա ԽԱ

Վեյնեմեյնենը նվագում է․ Կանտելեի նվագն այնքան հուզիչ է, վարպետի երգն այնքան զմայլելի, որ լսողների աչքերից արցունք է հոսում։ Արցունք է հոսում նաև Վեյնմեյնենի աչքերից․ նրա արցունքները գլորվում, ընկնում են ծովի հատակը և մարգարիտներ դառնում

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը ելավ ծովափին փռված ընդարձակ մարգագետինը, որ անտառին կից էր, բարձրացավ բլուրը, նստեց մի քարի վրա և Կանտելեն ձեռքն առավ ու իր վարժ մատներով սկսեց նվագել։

«Եկե՛ք, բոլորդ եկե՛ք ու լսեցեք այս հավերժական ռուները, որ ես պիտի երգեմ Կանտելեի նվագի ներդաշնակությամբ»։

Եվ ձկան ոսկորներից սարքված բազմալար գործիքի վրա սահեցին հավերժական երգչի մատները․ անմահական նվագի անուշ գեղգեղանքը փռվեց֊տարածվեց չորս կողմի վրա։

Դեռ երբեք Կալեվալայում այդպիսի դուրեկան երգեր չէին լսվել։

Եվ ահա անտառի բոլոր կենդանիները, բոլորն ովքեր չորս թաթ ունեին, որը վազքով, որը ցատկոտելով շտապեցին հասնել այնտեղ, որտեղից լսվում էր թովիչ երգի ձայնը։

Ճյուղերից ճյուղ էր թռչկոտում սկյուռը, որ ավելի մոտից լսի երգչին։

Անտառի խորքից վազքով եկավ եղջերուն։

Գալյն իր որջում զարթնեց երգի ձայնից և վազեց դեպի բլուրը, որ լավ լսի հզոր երգասացին։

Անտառի թավուտներից, խիտ եղևնիների ու կեչիների արանքից դուրս վազեց արջը, ինչ արգելք կար առաջին, ցատկեց անցավ նրանց վրայով, բայց տեղ հասավ ամենքից վերջը․ հասավ թե չէ ճանկերն իրան հավաքեց, բերանը փակեց, որ սուր ատամները չերևան և սւոս ու փուս սկսեց ականջ դնել երգչին։

Անտառի խորքից դուրս եկավ նաև անտառի տիրուհին։ Զուգվել֊զարդարվել էր մայրը, ինչպես նաև իր սիրունիկ աղջիկները, ականջներին ոսկե օղեր էին կախել, կապույտ գոլպաներ էին հագել և կարմիր ժապավեններ կապել։ Եկան նաև անտառի տիրուհու որդիները։ Եկան հզոր երգչի մոտ և զմայլված լսում էին նրա անմահական երգերը։

Օդում թռչող բոլոր թևավորները թռան եկան, նստեցին ծառի ճյուղերին և լսո՛ւմ֊լսո՛ւմ էին երգչին։

Հզոր արծիվն իր իսկ ձագերին թողեց բնում և ինքը թռավ հասավ ու նստեց կեչու ծառին․ նրա հետ տեղ հասավ նաև բազեն․ նա էլ նստեց եղևնու ծառին և բոլորն հայիլ֊մայիլ եղած լսում էին Կալեվալայի երգասացին։

Նույնիսկ փոքրիկ սարեկները, տարինոսները, արտույտները, որ այնքան զմայլելի գեղգեղում էին՝ հարույրներով, հազարներով եկան ու ծառերի ճյուղերին թառած հմայված լսում էին անուշ երգն ու նվագը։

Բադերն էլ գետերի վրա լողալով տեղ հասան և մյուս թևավորների հետ սկսեցին լսել ծերունուն։

Լուսնի և արևի դուստրերը, որոնք ոսկյա֊մետաքսյա թել էին մանում, հենց որ երգի ձայնը լսեցին, թեշիկը ձեռքներից վայր ընկավ, ոսկյա թելը կտրվեց։ Ամեն ինչ թողին նրանք, հասան այն բլուրը և կանգնեցին ծառի տակ ու զարմացած֊հիացած լսում էին զմայելելի երգերը։

Ջրում լողացած ոչ մի արարած չմնաց, որ լողալով չհասներ ծովափ և չունկնդրեր Վեյնեմեյնենի երգն ու նվագը։

Գայլաձուկը, սիգը, լոստին և բոլոր տեսակի մեծ ու փոքր ձկները, ծովի ամենախոր տեղում լսեցին երգի ձայնը և շտապեցին ավելի մոտից ունկնդրելու հզոր երգչին։

Ծովի տիրակալ Ախտոն, սահանքների, ջրապտույտների վրա իշխող ծովաբնակը նույնպես իր զավակներով եկավ ու երբ լսեց երգչին, ասաց․

«Կյանքումս առաջին անգամն է, որ լսում եմ այսպիսի սքանչելի նվագ և այսպիսի դուրեկան, իմաստուն երգեր»։

Վերջապես ծովի տիրուհին բարձրացավ ծովի անդունդներից, զգուշորեն նստեց մի հրվանդանի վրա, ուսերից ետ տվեց ծովախոտերը և սկսեց լսել ծերուկ երգասացին․ այնքան տարվեց երգի հմայքով, որ աչքերը փակեց և երազների մի նոր աշխարհ պատկերացավ նրան․

Եվ ով լսում էր Վեյնեմեյնենի երգն, ավելի էր զորանում նրա եռանդը, բուռն էր դառնում ապրելու տենչը։ Չէ՞ որ այդ դյութիչ երգերն ունկնդրում էին երկնի, երկրի և ծովի արարածները․ բոլո՜րը, բոլո՜րը, ովքեր կյանք էին տենչում։

Եվ այսպես ծերուկ, իմաստուն Վեյնեմեյնենը երգեց մեկ օր, երկու օր, երգեց արևի ճառագայթների ներքո, լուսնի և աստղերի շողերի տակ։ Չմնաց ո՛չ մեկ հերոս, ո՛չ մեկ քաջ այր, չմնաց ո՛չ մեկ տիկին, թե փարթամ հյուսքերով աղջիկ, որի սիրտը չհուզվի և լաց չլինի այդ հոգեզմայլ երգերից։

Լալիս էին ջահելները և ծերերը, ազապները և ամուսնացածները, լալիս էին նորահարսերը և դեռահաս աղջիկները․ այնքա՜ն հրաշալի, այնքա՜ն կախարդիչ էին չքնաղ երգի ու նվագի հնչյունները։

Լաց էր լինում նաև ծերունի Վեյնեմեյնենը։ Վարար հոսում էին արցունքները և կաթիլները սահում էին նրա դեմքի վրայով ու այդ կաթիլները, որոնք հապալասի պտուղի չափ էին, ծիծեռնակի ձվից էլ մեծ՝ գլոր֊գլոր ընկնում էին այտերի վրա, հետո մորուքի վրայից գլորվելով ընկնում էին կրծքին, ապա ծնկներին, այնտեղից էլ սահելով֊գլորվելով ընկնում էին ոտքին, ապա ծովափի ավազներին։ Ծովի ալիքները հորձանք տալով խփեցին ափերին և այդ կաթիլները, որ թափվեցին հզոր երգչի աչքերից՝ տարան ծովի հատակը։

Իմաստուն Վեյնեմեյնենն ասաց․

«Արդյոք այս ջահելների մեջ, այս կայտառ տղաների շարքերում, չկա՞ այնպիսի մեկը, որ կարողանա ծովի հատակից հանել այդ արցունքի կաթիլները»։

Ջահելները, նրանց հետ միասին նաև ծերերը, պատասխանեցին․

«Ո՛չ, մեր մեջ չկա այնպիսի մեկը, որ կարողանա ծովի հատակից հանել արցունքի կաթիլները»։

Այն ժամանակ ծերուկ Վեյնեմեյնենը դիմեց ագռավին․

«Այ դու սևուկ ագռավ, ծովի հատակից բեր իմ արցունքի կաթիլները, և ես դրա փոխարեն քեզ կտամ գույնզգույն փետուրներ»։

Բայց ագռավը չկարողացավ կատարել ծերուկի խնդիրը։

Այն ժամանակ ծերուկը դիմեց կապույտ փետուրներով բադին․

«Ով կապտափետուր բադիկ, դու հաճախ ես սուզվում ջրի մեջ մինչև հատակը, այս անգամ էլ իջիր և հատակից հավաքիր բեր իմ արցունքի կաթիլները։ Դրա փոխարեն ես քեզ կտամ փայլփլուն փետուրներ»։

Բադիկը սուզվեց ծովի հատակը և անդունդներից հավաքեց֊բերեց արցունքի կաթիլներն ու դրեց հավերժական երգչի ափի մեջ։ Արցունքի կաթիլները մարգարիտներ էին դարձել՝ հապալասի պտուղի չափ, ծիծեռնակի ձվից էլ մեծ և կարող էին զարդարել արքայական թագերը, փայլփլել կանանց պարանոցին։

Իսկ բադիկն այն օրից ունեցավ փայլփլուն փետուրներ, կարծես հյուսված ծիածանի յոթը գույներից։

Ռունա ԽԲ

Կալեվալայի դյուցազունները մեծ դժվարությամբ նավն են բերում հրաշք֊ինքնաղաց Սամպոն

Ծերուկ Վեյնեմեյնենը, ճարտար դարբին Իլմարինենը և Լեմմինկայնենը, նույն ինքը կտրիճ Կաուկոմեյլին, նավարկեցին ցերեկ և գիշեր հանդարտ ծովի վրայով դեպի Պոխյոլան, ուր հերոսներին ծովն են նետում և կտրիճներին ոչնչացնում են։

Առաջին թիավարը Իլմարինենն էր և երկրորդ թիավարը ուրախ Լեմմինկայնենը։ Վեյնեմեյնենն էլ շարունակ ղեկի մոտ էր և հմուտ ձեռքերով ուղղություն էր տալիս նավին։ Անցան փրփրուն ալիքների վրայով և վերջապես հասան Պոխյոլայի ծովափը։ Ձյութած, կարած նավը հանեցին ծովափ և իրենք գնացին տանտիրուհու մոտ։

Պառավ Լոուխին հարցրեց․

«Ի՞նչ կասեք, հերոսներ, ի՞նչն է ձեր գալու նպատակը»։

«Մենք եկել ենք պսպղուն կափարիչով Սամպոյի համար․ մենք ուզում ենք, որ հրաշք֊ինքնաղացի բարիքներից մեր արդար բաժինն ստանանք»։

Լոուխին այսպես խոսեց․

«Սկյուռի մորթին երեք կես չեն անում, ոչ էլ կաքավն են երեք մարդու մեջ բաժանում։ Պսպղուն կափարիչով ինքնաղաց Սամպոն այստեղ շատ լավ է աշխատում․ նա պղնձակուռ անձավումն է, և ես եմ նրա միա՛կ տերն ու տիրակալը»։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենն ասաց․

«Եթե դու չես ուզում մեր արդար բաժինը հոժար կամքով տալ, ապա մենք ամբողջ Սամպոն զոռով կվերցնենք և կտանենք մեր նավը»։

Այստեղ Պոխյոլայի տիրուհին շատ զայրացավ, գնաց ու հավաքեց իր մարդկանց․ որն եկավ թրով, որը նիզակով, որը նետով ու աղեղով, որն էլ ձեռքն ընկած զենքով, որպեսզի Վեյնեմեյնենին և իր մարդկանց ոչնչացնեն։

Բայց ծերուկ Վեյնեմեյնենը չվախեցավ․ նա անմիջապես Կանտելեն ձեռքն առավ և սկսեց երգել։ Զմայլելի էր նրա երգը․ հայիլ֊մայիլ եղած լսում էին տղամարդիկ ու կանայք, ծերերն ու երեխաները։ Եվ թովիչ երգի ազդեցության տակ տղամարդիկ ուրախացան, կանանց դեմքին ժպիտն էր փայլում։ Շատերը լաց եղան։

Այն ժամանակ ծերուկը պայուսակից հանեց քնաբեր նետեր և արձակեց պոխյոլցիների վրա։ Բոլոր զինված կտրիճները կողքի ընկան և աչքերը փակեցին, գյուղի բոլոր տղամարդիկ, մեծը թե փոքրը, խորը քուն մտան։

Վեյնեմեյնենն իր մարդկանցով գնաց պղնձակուռ անձավը, ուր պատվանդանի վրա դրված֊ամրացված էր պսպղուն կափարիչով Սամպոն։ Պատվանդանն ուներ երեք ոտք՝ ամեն մեկ ոտքի երկարությունը իննը սաժեն էր և տարբեր ուղղություններով խրված էր գետնի մեջ։ Քարանձավի պողպատակուռ դուռն էլ տասը սողնակով և իննը կողպեքով կողպված։

Ծերուկ Վեյնեմեյնենը մեղմ ձայնով երգեց պղնձակուռ անձավի մոտ և նրա երգի ազդեցությամբ ամուր դռների օղակներն ու սողնակները թուլացան։

Ճարտար դարբին Իլմարինենն էլ գործի անցավ, ձեթ քսեց դռան սողնակներին, ապա կողպեքներին, որ առանց ճռնչալու հեշտ բացվեն․ ձեռքով ետ հրեց սողնակները և քիչ հետո Կալեվալայի հերոսների առաջ բացվեցին անձավի դարբասի կողպեքները, կրնկի վրա շուռ եկան դռները։

Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․

«Ով դու ուրախ Լեմմինկայնեն, իմ հավատարիմ բարեկամ, մտիր անձավը և այնտեղից դուրս բեր պսպղուն կափարիչով հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։

Ուրախ Լեմմինկայնենը, որ ամեն դժվար գործի պատրաստ էր, իսկույն առաջ անցավ և ասաց․

«Բարձրյալ Ուկկոն ինձ այնպիսի դյուցազնական ուժ է տվել, որ ես միայն աջ ոտքիս կրունկով տեղահան կանեմ Սամպոն ու կտանեմ»։

Եվ մոտեցավ, որ վերցնի Սամպոն․ չէ՛, տեսավ շատ դժվար է տեղից շարժել։ Ծնկեց գետնին, երկու ձեռքով գրկեց Սամպոն, բայց հրաշք֊ինքնաղացը պինդ կպած էր պատվանդանին։ Չէ՞ որ պսպղուն կափարիչով Սամպոն երեք ոտքերով, ամեն մեկն իննը սաժեն, խրված էր գետնի մեջ։

Գնացին գտան մի հսկա ուժեղ ցուլ․ նրա ամեն կոտոշը մեկ սաժենից ավելի երկար էր․ ռեխը մեկ ու կես սաժեն։ Ցուլը լծեցին գութանին և այդ գութանով Սամպոյի պատվանդանի հիմքը փորեցին և հրաշք֊ինքնաղացը տեղից շարժեցին։ Երեք դյուցազունները՝ ինքը իմաստուն Վեյնեմեյնենը, ճարտար դարբին Իլմարինենը և այն մեծազոր դյուցազն Լեմմինկայնենը, պղնձակուռ անձավից վերցրին պսպղուն կափարիչով Սամպոն և տարան֊դրին նավը։ Դյուցազունները նավը դեպի ծովը հրեցին, սկսեցին նավարկել։

Այստեղ Իլմարինենը հարցրեց․

«Որտե՞ղ պիտի տանենք Սամպոն, որտե՞ղ պահենք պսպղուն կափարիչով հրաշք֊ինքնաղացը, որ ջադու պառավ Լոուխին չիմանա, նրա չար աչքից հեռու լինի մեր Սամպոն»։

Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Սամպոն կտանենք այն հեռավոր կանաչ կղզին և չար աչքից հեռու կպահենք։ Այնտեղ միշտ խաղաղ է եղել, թշնամին այդ կղզին ոտք չի դրել և թուրն ու նիզակը չի վրդովել այնտեղի բնակիչների հանգիստը»։

Վեյնեմեյնենը շատ ուրախ է, որ ջադու Լոուխիից ազատել է սամպոն․ նա ոգևորում է կտրիճներին․

«Հապա արագ հեռանանք դաժան Պոխյոլայից․ շտապե՛նք մեր սիրելի հայրենի աշխարհը․ բարենպաստ քամի, դու օգնիր, որ նավն ավելի արագ շարժվի, թիերին ուժ տուր, որ նավն հեշտությամբ անցնի կապույտ ծովի ջրերի վրայով»։

Լեմմինկայնենը, որ Իլմարինենի հետ թիավարում էր, ասաց․

«Ինչքան էլ թիավարել եմ, միշտ նավի մեջ նստածներից մեկը երգել է․ այսօր լուռ է և երգի ձայնը չի լսվում, չի տարածվում ալիքների վրա»։

Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․

«Հիմա երգելու ժամանակ չէ։ Ուշքդ ու միտքդ կտաս երգին և կմոռանաս, որ ձեռքիդ թիեր կան։ Իսկ եթե թիերը լավ չբանեցնես, ճափից կշեղվես և փորձանքի կհանդիպես»։

Ուրախ Լեմմինկայնենը ասաց․

«Միևնույն է, այս գեղեցիկ ցերեկը կանցնի, վրա կհասնի մութ գիշերը, կուզես երգիր, կուզես լուռ մնա, ուր ով է խավարը կիջնի ծովի վրա»։

Նավը շարունակեց սահել կապույտ ծովի վրայով․ անցավ մեկ օր, երկու օր և ահա՛, Լեմմինկայնենը նորից դիմեց Վեյնեմեյնենին․

«Ինչո՞ւ դու, ծերուկ երգասաց, չես երգում․ չէ՞որ տիրացել ես Սամպոյին, հրաշք֊ինքնաղացը հայրենիք ես տանում»։

Այսպես պատասխանեց երգիչը․

«Դեռ շուտ է խրախճանք սկսել․ այն ժամանակ միայն պիտի զվարճանանք, երբ հայրենի տուն հասնենք, երբ Սամպոն գործի գցենք»։

Լեմմինկայնենը, այն ջահել դյուցազնը ասաց․

«Եթե ես քեզ պես նավի ղեկի մոտ նստած լինեի, ամբողջ ձայնովս կերգեի, բայց քանի որ դու չես ուզում երգել, թեև իմ ձայնը քո ձայնի պես դուրեկան չէ, բայց պիտի երգեմ»։

Եվ այդ ուրախ տղան սկսեց երգել․ նրա երգը ոչ թե երգի էր նման, այլ գոռգոռոցի։

Երգի ձայնը հասավ ծովափ, նրանից էլ դենը, անցավ սար ու ձոր, հասավ ուրիշ ծովեր։ Այդ ձայնի վրա կռունկը վախեցած, թևերը թափ տվեց և թռավ հասավ Պոխյոլա ու նրա տիրուհուն զարթնեցրեց։ Լոուխին աչքերը բացեց և ի՞նչ տեսնի․ չէ՛, ամեն ինչ, կովերն ու աչառները տեղումն են, ցորենից ոչ մի հատիկ չի պակասել։ Նա շտապ գնաց պղնձակուռ անձավը և սկսեց գլխին վայ տալ ու ճչալ․

«Վա՜յ, վա՜յ, ինձ, թշվառիս, այստեղ օտարներն են մուտք գործել․ բոլոր կողպեքները ջարդված են, բոլոր դռները կրնկահան են արված․ ուրեմն փախցրել, տարել են իմ հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։

Լոուխին քիչ էր մնում զայրույթից միջից երկու կես լիներ․ տեսնում էր, որ իր զորությունը թուլանում է․ նա այսպիսի խոսքերով դիմեց մեգ֊մառախուղի տիրակալ Ուուտարտուին․

«Ով դու հզոր տիրակալ, շուտով առաքիր թանձր մուժ ու մառախուղ․ երկնքից ուղարկիր թանձրացրած մեգ ու դուման, որ ծածկի ամբողջ ծովի մակերեսը և Վեյնեմեյնենն իր կտրիճներով ճամփան մոլորի։

Եթե այդ քիչ է, ով դու ծովի աստծու որդի՝ Իկո֊Տուրսո, ծովի հատակից բարձրագագաթ ժայռեր դուրս ցցիր, որ Կալեվալայի կտրիճների նավը դիպչի այդ ժայռերին՝ խորտակի և կտրիճները ծովի անդունդներում խեղդվեն, իսկ դու Սամպոն, վերցրու նավից և վերադարձրու Պոխյոլա։

Եթե այդ էլ քիչ է, ով դու Ուկկո, բարձրյալդ երկնային, մեր ամենքիս տեր ու տիրակալ, փոթորիկ բարձրացրու, որ ալիքները զորեղանան և խորտակեն Վեյնեմեյնենի, նույն ինքը Սուվանտոլայնենի նավը»։

Մեգ֊մառախուղ իջավ ծովի վրա․ երեք օր ու գիշեր այնպես թանձր էր մուժն ու դումանը, որ ոչ մի բան չէր կարելի նշմարել։

Երրորդ օրվա վրա ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․

«Նույնիսկ ամենաթույլ տղամարդը չի վախենա մուժից, չի ընկճվի, թե չորս կողմը մառախուղն է պատել»։

Նա հանեց թուրը և խփեց ծովի ջրերին․ կարծես թե թրից մեղր ծորեց։ Քիչ անց նրա ուժեղ հարվածից մեգն ու մառախուղը փարատվեցին, նորից երևաց կապույտ լայնարձակ ծովը՝ հորիզոնից հորիզոն։

Բայց քիչ անց նավի չորս կողմից էլ ուժեղ աղմուկ լսվեց․ ջուրն սկսեց ցայտել նավի հատակին։ Նավը ճոճվում էր ալիքների վրա և աղմուկն այնքան խլացուցիչ էր, որ անգամ Իլմարինենը գլուխը ծածկեց և աչքերը փակեց։

Իսկ Վեյնեմեյնենը չվախեցավ․ նա նայեց փոթորկոտ ծովի ալիքներին և հրաշք տեսավ․ ծովից գլուխը դուրս հանեց Իկու֊Տոըսոն և բռնելով նավի եզրից, ուզում էր բարձրանալ նավի վրա։ Ծերունի երգասացն անմիջապես բռնեց նրա ականջներից, ջրից դուրս քաշեց և խիստ ու բարկացած հարցրեց․

«Ով դու Իկու֊Տուրսո, ինչո՞ւ ես ջրի երես ելել, ինչո՞ւ երևացիր Կալեվալայի զավակների աչքին»։

Իկու֊Տուրսոն ոչ ուրախացավ և ոչ էլ շատ վախեցավ, որ Վեյնեմեյնենի ձեռքն է ընկել, բայց պատասխան չտվեց։

Ծերուկ Վեյնեմեյնենը երկրորդ և երրորդ անգամ հարցրեց․

«Դու պատասխան տուր ինձ, ինչո՞ւ ես անդունդներից ջրի երես ելել»։

Վերջապես Իկու֊Տուրսոն պատասխանեց․

Ես նրա համար եմ ծովից դուրս եկել, որ Կալեվալայի ամբողջ ցեղը ոչնչացնեմ, որ Սամպոն փախցնեմ տանեմ Պոխյոլա։ Բայց տեսնում եմ, որ քեզ չեմ կարող հաղթել հզոր երգասաց Վեյնեմեյնեն․ այժմ եթե ինձ ազատ թողնես, եթե կյանքս խնայես, ես էլ երբեք մարդու աչքին չեմ երևա»։

Վեյնեմեյնենն անմիջապես նրան բաց թողեց և այսպիսի պատվեր տվեց․

«Ով դու Իկու֊Տուրսո, որդիդ ծովի տիրակալի, այսօրվանից մինչ հավիտյան այլևս երբեք չբարձրանաս ծովի հատակից և մարդկանց աչքին չերևաս։ Քանի արևն ու լուսինը մեզ իրենց լույսն են պարգևում, դու մնա քո ծավային անդունդներում»։

Ծերուկ Վեյնեմեյնենը նորից նավն առաջ մղեց, բայց քիչ անց, Ուկկոն, հաստիչը երկնային, ուժեղ փոթորիկ ուղարկեց ծովի վրա։ Փչեցին հողմերը արևելքից, արևմուտքից, հարավից, բայց ամենակատաղին հյուսիսային քամին էր։ Իր ճամփին նա տերևաթափ արեց բոլոր ծառերը, արոտներից, դաշտերից, այգիներից պոկեց բոլոր ծաղիկները, հասկերն ու թփերը, ապա գետնից ավազե մի ամպ բարձրացրեց և բոլորը շպրտեց ծովի վրա։

Դեռ ոչ ոք իր կյանքում այդպիսի ահռելի փոթորիկ չէր տեսել։ Նավը ծառս֊ծառս էր լինում և, ոնց որ տաշեղը, օրորվում ալիքների վրա։ Մի ուժեղ ալիք թափով ընկավ նավի վրա և այն հիասքանչ երաժշտական գործիքը ծովը նետեց։ Գայլաձկան ոսկորից սարքված Կանտելեն կորավ ալիքների հորձանքում։

Ծերուկ Վեյնեմեյնենը շատ տխրեց և ասաց․

«Ափսո՜ս, կորավ իմ Կանտելեն։ Նա ինձ շատ էր մխիթարում․ երբ նվագում էի, երգերս հորդում էին աղբյուրի զուլալ ջրի նման»։

Ճարտար դարբին Իլմարինենը շատ վախեցավ ահեղ փոթորկից և ասաց․

«Վայ մեզ, որ այս խարխուլ նավով ընկել ենք ահեղ ալիքների վրա․ չեղած֊չլսված փորձանքի մեջ ենք ընկել»։

Վեյնեմեյնենը հորդորեց․

«Ծանր, դժվարին պահին ողբն ու լացը գործին չեն օգնի»։

Ապա երգասացն այսպես խոսեց․

«Դադարի՛ր ով փոթորիկ և հեռացի՛ր, գնա այնտեղ, որտեղից եկել ես․ բավական է ինչ իմ նավը տատանվեց ալիքների վրա»։

Իսկ ուրախ Լեմմինկայնենը գործի անցավ և տախտակները, որ բերել էր հետը, հարմարին ամրացրեց նավի կողերին, որոնք վնասվել էին ալիքների հորձանքից, ապա կոծկեց նավի բոլոր ճեղքվածքները։

Փոթորիկն արդեն հանդարտվել էր և նավը կրկին առաջ սուրաց, թանկագին բեռը՝ հրաշք֊ինքնաղաց պսպղուն կափարիչով Սամպոն տանելով դեպի հայրենիք։

Ռունա ԽԳ

Պոխյոլայի տիրուհին ռազմական նավով հետապնդում է Կալեվալայի դուցազուններին

Լոուխի ջադուն իր բոլոր մարդկանց հավաքեց, հարյուրի ձեռքը սրեր դրեց, մյուսներինը նիզակներ, հազարն էլ նետ ու աղեղով զինեց և բոլորին հրամայեց ռազմական նավը նստել։

Առագաստները բացվեցին, թիերը գործի դրին․ պառավն իր մարդկանցով շտապում էր հասնել Վեյնեմեյնենի նավին, որ կալեվալցիներից խլի Սամպոն, վերադարձնի Պախյոլա։

Կապույտ ջրերի վրայով սահում էր Վեյնեմեյնենի նավը։ Ծերուկը դիմեց Լեմմինկայնենին․

«Իմ հավատարիմ բարեկամ, բարձրացիր կայմի վրա և չորս կողմը նայիր․ արդյոք հանգի՞ստ է ծովը, մեզ որևէ վտանգ չի՞ սպառնում»։

Այնտեղ, ուր պետք է ճարպկություն և համարձակություն, ուրախ Լեմմինկայնենը միշտ պատրաստ է։ Նա բարձրացավ կայմին, նայեց դեպի ետ, դեպի առաջ, ապա աջ և ձախ կողմերն ու ասաց․

«Մեր դիմացը երկինքը պարզ է, բայց ետևի կողմից սև ամպ է բարձրանում և մեր կողմն է շարժվում»։

Վեյնեմեյնենն ասաց․

Մի լավ նայիր, երկինքը պարզ է, ի՞նչ ամպի մասին է խոսքը, գուցե թե նավ է, որ գալիս է մեր ետևից»։

Լեմմինկայնենը երկրորդ անգամ ավելի ուշդիր նայեց և ասաց․

«Հեռվում կարծես թե կղզի է հայտնվել․ կղզու վրա էլ ծառեր կան, ծառերի վրա էլ թառել են կաքավներ ու սոխակներ»։

Վեյնեմեյնենն ասաց․

«Ծովի վրա կաքավ ու սոխակ չեն լինում։ Մեկ էլ նայիր, գուցե թե Պոխյոլայի այրերն են նավով մեզ հետապնսդում»։

Լեմմինկայնենը երրորդ անգամ շատ ավելի ուշադիր նայեց և ասաց․

«Ճիշտ եք կռահել ծերուկ իմաստուն Վեյնեմեյնեն, եկողները հենց պոխյոլցիներ են։ Հարյուր տղամարդ թիավարում է, հազարն էլ զինված՝ կռվի են պատրաստվում»։

Վեյնեմեյնենը, երբ ամբողջ ճշմարտությունն իմացավ, այսպես խոսեց․

«Հապա ճարտար դարբին Իլմարինեն և դու ուրախ Լեմմինկայնեն և բոլոր թիավարողներդ ո՛ժ տվեք ձեր թևերին, արագ֊թիավարեք, որ հեռանանք ջադու Լոուխիի նավից»։

Բոլոր հերոս թիավարողները ուժ գործադրեցին, ինչքան էլ արագացրին նավի ընթացքը, բայց չկարողացան ազատվել պոխյոլցիների նավի հետապնդումից։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը տեսավ, որ վտանգը մոտ է, ծանր ու թեթև արավ և ասաց․

«Ելքը կգտնեմ, հրաշքո՛վ պիտի ազատվենք»։

Շտապ պարկից հանեց մի կայծքար և այն շպրտեց ծովն ու այսպես խոսեց․

«Այս կայծքարից թող ծովի մեջ մի ժայռ առաջանա, Պոխյոլցիների նավը թող թափով դիպչի այդ ժայռին, ջարդ ու փշուր լինի և նավի տաշեղները թող ալիքների հորձանքի հետ կորչեն»։

Անմիջապես ծովի մեջ մի ժայռ գոյացավ, երկայնքով դեպի արևելք ձգվեց, լայնությամբ դեպի հյուսիս։

Ջադու Լոուխին ժայռը չնկատեց․ նրա նավը թափով դիպավ ժայռին և խորտակվեց։ Պառավը մինչև ծնկները ծովը մտավ և ուզեց նավը ափ հանել ու սարքել, բայց տեսավ, որ այնպես են իրարից բաժանվել տախտակները, քամին առագաստներն այնքան հեռու է քշել, որ անհնար է նավը սարքի գցել։ Այն ժամանակ ջադու պառավը իր երկար մազերով նավի մի քանի տախտակը կապեց ուսերին իբրև թևեր, ղեկը պոչ դարձրեց, նավի մեջ եղած բրիչներից մագիլներ սարքեց և ստացավ արծվի կերպարանք։ Նա իր թևերին հարյուր զինված կտրիճ տեղավորեց, պոչին հազար նիզակավորներ, թռիչքով օդ բարձրացավ և սկսեց հետապնդել կալեվալցիներին։ Թռչում էր արծիվ դարձած ջադուն, թափահարում էր իր թևերը․ մեկ թևը դիպչում էր ամպերին, մյուսը ծովի ալիքներին էր քսվում։

Ծովի գեղեցկուհի մայրը երևաց երգասացի աչքին ու ասաց․

«Ով դու ծերուկ Վեյնեմեյնեն, գլուխդ վեր բարձրացրու և մի պահ դեպի արևմուտք դարձիր»։

Վեյնեմեյնենը նայեց և ի՜նչ տեսնի․ իր գլխավերևում մի սարսափելի թռչուն է պտտվում։ Նրա գլուխը Պոխյոայի տիրուհու գլխին է նման, մարմինը՝ արծվի։ Եվ այդ հրեշը երբ նստեց նավի կայմին, նավն սկսեց տատանվել, կարծես թե ուժեղ փոթորիկ բարձրացավ։

Իլմարինենն այդ պահին խնդիրք էր անում․

«Ով դու տիեզերքի տեր Ուկկո, դառն պատուհասից փրկիր քո ստեղծածին։ Ով ամենակալ տեր, տուր ինձ հրեղեն շապիկ, որպեսզի ես անխոցելի մնամ և այս անիրավների դեմ կարողանամ կռվել և հաղթել»։

Իսկ Վեյնեմեյնենն այսպիսի խոսքերով դիմեց Լոուխիին․

«Ով դու Պոխյոլայի տիրուհի, արի համաձայնիր, գնանք հասնենք մշուշապատ կղզին և Սամպոն բաժանենք քո երկրի և Կալեվալայի միջև»։

Պոխյոլայի տիրուհին խոսեց․

«Ես պիտի լինեմ Սամպոյի միակ տերը, ով ողորմելի Վեյնեմեյնեն․ չեմ ուզում քեզ հետ հրաշք֊ինքնաղացը փայ֊բաժին անել»։

Ասաց ու իր երկաթյա մագիլներով բռնեց Սամպոն, որ վերցնի տանի Պոխյոլա։

Այստեղ արդեն վրա հասավ ուրախ Լեմմինկայնենը, իր հզոր թրով հարձակվեց ջադու պառավի վրա և սկսեց ուժեղ հարվածներ տեղալ նրա թևերին։ Խփում է ու գոռում․

«Հապա, ով դուք այրեր, թե կռվող եք, ցա՛ծ իջեք, հարյուրդ էլ ցած իջեք, որ կռվենք»։

Պառավ Լոուխին այսպիսի խոսքեր ասաց Լեմմինկայնենին․

«Ով դու ուրախ Կաուկոմեյլի․ դու չար զավակ ես․ հարազատ մորդ խաբել ես։ Դու նրան երդում ես տվել, որ վեց տարի, մինչև տաս տարի այլևս ոչ մի տեղ չես գնա ՝ կռիվ չես անի, ինչքան էլ ցանկանաս ոսկի կամ արծաթ ձեռք բերել»։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը հասկացավ, որ հասել է պահը, երբ պետք է ավելի վճռական գործի։ Նա դուրս քաշեց կաղնյա ամուր֊հաստատուն ղեկը և ամուր խփեց ջադու պառավին։

Վեյնեմեյնենի հարվածով ջադուի թևերը ջարդվեցին։

Իլմարինենի հարվածով պոչը պոկվեց։

Լեմմինկայնենի հարվածով էլ մագիլները ջարդվեցին։

Միայն մեկ մագիլը մնաց, որով պառավը կառչել էր Սամպոյին։

Լոուխիի մարդիկ վար թափվեցին նրա թևերից․ Լեմմինկայնենը և Իլմարինենը թրերը քաշած իրենց քաջերով նրանց վրա հարձակվեցին։

Այդ ժամանակ ջադու Լոուխին իր ողջ մնացած մագիլով նավից դուրս քաշեց պսպղուն կափարիչով Սամպոն։

Բայց հրաշք֊ինքնաղացը նրա ձեռքից փրթավ ընկավ ծովը, ջարդ ու փշուր եղավ։ Կափարիչի և հրաշք֊ինքնաղացի կտորները սուզվեցին ծովի խորքերը։

Ծովի տիրակալ Ախտոն շատ ուրախացավ, որ Սամպոյի ծանր կտորները մնացին խորը հատակում և ծովը լցվեց անբավ հարստություններով։

Բայց ջարդված Սամպոյի և կափարիչի ավելի մանր կտորները ծովի ալիքների հորձանքի հետ ափ հասան, մնացին ավազների վրա։

Վեյնեմեյնենն այդ որ տեսավ ուրախացավ և այսպես խոսեց․

«Հրաշք ինքնաղացի կտորները կդառնան այն սերմերը, որոնցից անհամար բարիքներ կստեղծվեն․ դաշտերում կփարթամանա բերքը, անտառներում ամեն տեսակ պտուղներ կաճեն, արևն ավելի ջերմ կլուսավորի, լուսինն ավելի պայծառ փայլ կտա խավար գիշերին»։

Ջադու Լոուխին այսպես ասաց․

«Ես կարող եմ այնպես անել, որ ձեր դաշտերն ու արոտները, այգիներն ու անտառները անբերի և անպտուղ մնան․ ես լուսատուներին անձավում կփակեմ, այնպե՛ս, որ ոչ արևը կջերմացնի, ոչ էլ լուսինը փայլ կտա ձեր աշխարհին․ հետո այնպիսի սառնամանիք կանեմ, որ ամեն շունչ ու կենդանի կսառչի։ Թե այդ ամենը քիչ է, պողպատի կարկուտ կթափեմ ձեր գլխին, որ ամեն բույս ու կենդանի նրա հարվածներից ոչնչանան։

Անտառի խորքից ծուռթաթ, զորեղ ատամներով արջը կուղարկեմ, որ ձեր դաշտերն ու մարգագետինները ոչնչացնի, որ ձեր ձիերին խժռի, որ ձեր կովերի, աչառների նախիրն հոշոտի։ Քո ժողովրդին հիվանդություններով ու քաղցով կհյուծեմ, կմեռցնեմ, այնպես որ քանի լուսինը երկնքում փայլփլում է, քո ցեղի անունը չի լսվի»։

Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․

«Ով ջադու պառավ քո ոչ մեկ սպառնալիքն ինձ չի սարսափեցնում։ Բարձրյալն Ուկկոն մարդկանց ճակատագրի տերն է։ Նա ամեն ինչ տեսնում է և չի՛ թողնի, որ չարն անպատիժ մնա։ Ես կապավինեմ նախախնամությանը և նա ինձ կօգնի, որ մեր ցանքսերին, դաշտերին և արտերին ոչ մեկ ցեց ու ճիճու չմոտենա և չվնասի։ Ով Պոխյոլայի տիրուհի, թե կարող ես դու ցա՛վն ու դժբախտությունը անձավները տար և փակի տակ դիր և ոչ թե սպառնա մարդկանց կյանք պարգևող արևն ու լուսինը ժայռերի մեջ թաքցնել։

Դու սառնամանիքով և կարկուտով մի սպառնա․ դրանք ավելի շուտ քո դաշտերն ու ցանքերը կվնասեն։ Իսկ զորեղ ատամներով ծուռ թաթ արջը թող քո նախիրները խժռի»։

Պոխյոլայի տիրուհի Լոուխին այսպես խոսեց․

«Ա՛խ, իմ հզորությունն այսօրվանից թուլացավ․ ծովի հատակը սուզվեց իմ հարստությունը, իմ հրաշք֊ինքնաղաց Սամպոն»։

Եվ լաց ու կոծով պառավը Պոխյոլա վերադարձավ։ Հրաշք ինքնաղացի միայն մի քանի փշրանքները նա կարողացավ իր երկիրը տանել, դրա համար էլ նրա երկիրն աղքատ մնաց և լապլանդացիների հացը միշտ պակաս է։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը ծովափից հավաքեց Սամպոյի և պսպսղուն կափարիչի կտորները, տարավ սփռեց Կալեվալայի դաշտերում, որ ամեն ինչ այնտեղ առատ լինի, որ ցորենի հասկերը լիքը լինեն և տատիկները սննդարար հաց թխեն, որ գարին առատ բերք տա, և հարսներն անուշ գարեջուր պատրաստեն։

Իմաստուն Վեյնեմեյնենն այսպիսի խոսքերով դիմեց աստծուն․

«Ով դու բարձրյալդ Ուկկո, օգնի՛ր, որ մեր չքնաղ Կալեվալայում ապրենք երջանիկ․ մինչև մեր կյանքի վերջը պատվով ապրենք մեր հայրենիքում։

Ազատի՛ր մեզ չար մարդկանցից և նենգ կանանցից։

Սանձահարիր ծովի և ցամաքի չար ոգիներին։

Օգնի՛ր, որ քո որդիներին ոչ մի չարագործ չվնասի․ գիշեր ցերեկ նրանց պահապան եղիր, պաշտպանիր դաժան քամիներից ու ցրտերից։

Թող քո բարի կամքով իմ հայրենիքը ծաղկի և բարգավաճի, թող ոչ մի չարագործ մեր մարդկանց չվնասի, մեր բերքը չփչացնի, մեր վաստակը չխլի, քանի երկնքում փայլում է պայծառ լուսինը, քանի մարդկանց ջերմացնում է կենսատու արևը»։

Ռունա ԽԴ

Վեյնեմեյնենը սարքում է նոր Կանտելե և նորից իր երգով ու նվագով զարմացնում է աշխարհը

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենն այսպես խոսեց ինքն իր հետ․

«Այժմ լավ է, որ գնամ մտնեմ իմ հարազատ հարկի տակ և ուրախանամ, բայց ինչպե՞ս․ ինձ մխիթարող Կանտելեն ընկել է ծովի խորերը, ձկների վտառների մոտ․ իսկ ծովի տիրակալ Ախտոն երբեք Կանտելեն ինձ չի վերադարձնի»։

Ապա դիմեց ճարտար դարբնին․

«Ով դու Իլմարինեն, երեկ ամբողջ օրն աշխատել ես, այսօր էլ աշխատիր և ինձ համար պողպատե երկար ատամներով մի փոցխ սարքիր։ Ուզում եմ դրանով ծովի հատակը, քարերի արանքում պատսպարված ձկների կեցած տեղը փոցխել, գուցե թե գտնեմ, դուրս քաշեմ Կանտելեն»։

Ճարտար դարբինը սարքեց Վեյնեմեյնենի ուզած փոցխը։ Նրա ամեն մի ատամը պողպատից էր և հարյուր սաժեն երկարություն ուներ, բռնակն էլ պղնձից էր և հինգ անգամ ավելի երկար, քան ատամները։

Վեյմեմեյնենը վերցրեց փոցխը և գնաց դեպի ծովը։ Ափին տեսավ երկու նավակ․ մեկը հին էր, մյուսը նոր սարքված։

Ծերունին մոտեցավ նոր նավակին և ասաց․

«Նավակ իմ, ծովը մտիր և առանց իմ օգնության առաջ սուրա, այնպես որ կարիք չլինի, որպեսզի ես թիեր բանեցնեմ»։

Նավակն իսկույն ծովն իջավ․ Վեյնեմեյնը նստեց նավակի ներքին ծայրի նստարանին․ նավը կապույտ հանդարտ ջրերի վրայով առաջ սուրաց։ Եվ ծերունին իր երկար փոցխով սկսեց փոցխել ծովի հատակը։ Ինչքան ասես մամուռներ, ինչքան ասես ծովային խոտեր հավաքեց ափ հանեց, բայց այնպես էլ Կանտելեն չգտավ, չկարողացավ այն հանել ծովի հատակից։

Ծերուկ երգասացը տուն դարձավ․ տխուր֊տրտում նստեց․ գլխարկը թեք ընկավ և նա ինքն իր հետ այսպես խոսեց․

«Այլևս երբեք չեմ գտնի գայլաձկան ոսկորներից սարքված իմ հրաշալի Կանտելեն, զմայելելի երաժշտական գործիքը»։

Մյուս օրն անտառ գնաց Վեյնեմեյնենը և հանկարծ լացի ձայն լսեց․ մոտեցավ, տեսավ, որ կեչի ծառն է դառն֊դառն լալիս․ հարցրեց․

«Այ դու ճերմակազգեստ ծառ, ինչո՞ւ ես լալիս»։

Կեչին պատասխանեց․

«Շատերը կարծում են, թե ուրախ են անցնում իմ օրերը։ Ո՛չ, այդպես չէ, ես միշտ, ամառ թե ձմեռ ծանր հոգսերի մեջ եմ։ Հապա ինքներդ դատեցեք։ Գարունը գալիս է թե չէ, երեխաները սուր դանակով իմ ճյուղերն են պոկում֊տանում, մի քիչ խաղ են անում, ապա դեն շպրտում։ Վրա է հասնում շոգ ամառը, հովիվները իմ կեղևներն են պոկում, զամբյուղ սարքում՝ մեջը պտուղներ լցնում։ Ջահել աղջիկներն էլ արդեն իմ տերևներից պսակներ են հյուսում իրենց համար։ Ձմեռն էլ հեշտ չէ իմ վիճակը․ դառն քամին քշում տանում է իմ կանաչ զգեստները և ես, սառնամանիքին մնում եմ մենակ, անօգնական․ մեջքս խոնարհում եմ ու դողում։ Այդ բոլորը չէ, մեկ էլ տեսար եկավ փայտահատը և վե՛րջ կյանքիդ»։

Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․

«Այլևս լաց մի լինի իմ կանաչ բարեկամ, մի տխրիր, ով դու անտառի սպիտակազգեստ բնակիչ։ Շուտով առիթ կունենաս ուրախանալու և ծիծաղելու։ Իսկ եթե լաց լինես, ապա արցունքներդ միայն ուրախության արցունքներ կլինեն»։

Եվ ահա՛ ծերուկ Վեյնեմեյնենը հմուտ ձեռքերով կեչիից մի նոր Կանտելե սկսեց սարքել․ գործը լավ առաջ գնաց․ մինչ ծերունին աշխատում էր, կկուն սկսեց գեղգեղալ․ նրա ձայնը կոկորդից ելնելով դառնում էր ոսկյա կաթիլ և հատիկ֊հատիկ թափվում չորս կողմը։

Ծերունին այդ հատիկներով Կանտելեն զարդարեց և լարերի համար հենակներ սարքեց․ բայց որտեղի՞ց ճարեր լարերը, որ հագցներ գործիքին և սկսեր նվագել։

Նա գնաց անտառի խորքը և մտածում էր, թե ինչի՛ց սարքի լարերը, որ Կանտելեն կատարյալ լինի։ Տեսավ, պուրակում մի աղջիկ է նստած․ նա ոչ տխուր է, ոչ էլ շատ ուրախ․ իր համար երգում է, միայն երևում է, ուզում է շուտ մթնի, որ սիրածը գա հասնի իրեն։

Ծերուկ Վեյնեմեյնենը շտապով մոտեցավ աղջկանն ու ասաց․

«Սիրունիկ աղջիկ, քո հյուսկերից, քո քնքուշիկ մազերից մի փունջ տուր, որ Կանտելեի համար լարեր սարքեմ և այդ զմայլելի երաժշտական գործիքի նվագով բարի մարդկանց հաճույք պատճառեմ»։

Աղջիկն իր մետաքսանման ոսկեգույն մազերից մի փունջ տվեց․ ծերուկն այդ մազերն իբրև լարեր հագցրեց Կանտելեի վրա և երաժշտական գործիքն արդեն պատրաստ էր։

Վեյնեմեյնենը Կանտելեն զգուշությամբ դրեց ծնկներին և մատներն սկսեց շարժել սիմերի վրա։

Եվ հմայիչ երգի հնչյունները սփռվեցին Կալեվալայի մեկ ծայրից մյուսը։ Հեռու և մոտիկ գյուղերից հավաքվեցին մեծ թե փոքր, որպեսզի լսեն երգասացին։

Կանայք թողին տան գործը և ուրախ֊զվարթ, ինչպես հորդահոս գետը, վազեցին առաջ։

Տղամարդիկ գլխարկները հանեցին, ջահելները ծունկի եկան և բոլորը֊բոլորը հայիլ֊մայիլ եղած լսում էին ծերունուն և միաբերան ասում․

«Մենք մեր ամբողջ կյանքում այսպիսի սքանչելի֊հմայիչ երգեր չենք լսել»։

Եվ գիշեր ցերեկ երգում ու նվագում է ծերունին։

Թե տանն է երգում, նրան ձայնակցում են դուռն ու լուսամուտը, առաստաղն ու պատերը։

Թե անտառումն է երգում, նրա առաջ խոնարհվում են նոճիները և պիստակները թափվում են նրա ոտքերի տակ։

Պուրակում թե դաշտումն է երգում, ամեն թուփ, ամեն ծաղիկ ավելի է փարթամանում և սիրով է նայում երգչին։

Ամե՜ն, ամե՜ն տեղ Վեյնեմեյնենի երգերը սփռում են կյանք ու երջանկություն։

Իր հայրենիքի փառքի և հզորության համար հնչում է Կանտելեի հոգեզմայլ նվագը։

Ռունա ԽԵ

Պոխյոլայի ջադու տիրուհին գեշ հիվանդություններ է առաքում Կալեվալա․ Վեյնեմեյնենը կախարդանքով և դեղերով բուժում է ժողովրդին

Պոխյոլայի տիրուհի ջադու Լոուխին իմացավ, որ Կալեվալայում մարդիկ երջանիկ են ապրում, ուրախ և խնդալից են անցնում նրանց օրերը, երկիրը լցվել է առատությամբ։ Եվ այդ բոլոր բարիքը ստեղծել է Սամպոն, հրաշք֊ինքնաղացի այն կտորները, որ իմաստուն Վեյնեմեյնենը հավաքեց ու սփռեց իր հայրենի դաշտերի վրա։

Ջադուի երկիրը, ընդհակառակը, մնացել էր ցուրտ և աղքատ, որովհետև այն հրաշք Սամպոյից միայն կափարիչի կոտրած կտորն էր բաժին ընկել նրան։ Ջադուն մտածմունքի մեջ ընկավ․ ի՞նչ անի, որ Կալեվալայի բնակիչներին ոչնչացնի․ ի՞նչ տեսակ մահով մեռցնի Կալեվի խիզախ զավակներին։

Այսպիսի խնդիրք արավ նա․

«Ով դու բարձրյալդ Ուկկո, ոչնչացրու Կալեվի ժողովրդին։ Մահացու կարկուտ տեղա նրանց դաշտերի և արոտների վրա։ Առաքիր անբուժելի հիվանդություններ, որ նրանց ցեղը ոչնչանա․ այրերը մեռնեն դաշտերում, կանայք էլ իրենց տան շեմին»։

Տուոնելիի երկու աչքով կույր աղջիկ Լովյաթարը, հազար տեսակ արատներ ուներ․ այդ սևադեմ, մազմզոտ մարմնով աղջիկը մայրն էր ամեն տեսակ չար բաների, քանի որ չարություն սերմանող նենգ զավակներ էր ծնում նա։

Այդ սևադեմ, մազմզոտ մարմնով աղջիկն ահա՛ կածանի մեջտեղը անկողին սարքեց ու պառկեց։ Այդ անամոթի վրայով անցավ միջանցիկ քամին, անցավ թենոտ ու մռայլ եղանակը, անցավ մեգ֊մառախուղ, անցան բնության բոլոր արհավիրքները։ Սկսվեց ուժեղ մրրիկ ու սևադեմ աղջկա արգանդը պտղավորվեց և պտուղն սկսեց աճել։

Անցավ մեկ֊երկու ամիս, լրացավ իննը, մտավ տասներորդ ամիսը, աղջիկը թեև շատ էր տանջվում ցավերից, բայց պտուղը լույս աշխարհ չէր գալիս։

Աղջիկը գնաց, ուզեց ժայռերի մեջ ազատվել, թեև շատ տանջվեց, բայց ծնունդ չունեցավ։

Մյուս օրը գնաց ճահիճները, գնաց ջրվեժի մոտ, ցավերից շատ տառապեց, բայց դարձյալ պտուղը լույս աշխարհ չեկավ։

Անպիտան աղջիկն սկսեց գոռ֊գոռ լաց լինել։ Էլ չգիտեր, թե ո՞ւր գնար, ի՞նչ միջոցի դիմեր, որ արգանդը թեթևանար, ծներ իր չար զավակներին։

Հանկարծ ամպերի միջից աղջիկը լսեց մի ձայն․

«Պոխյոլայի մշուշապատ աշխարհում կա եռանկյունի մի խրճիթ, գնա՛ այնտեղ և կազատվես քո երկունքի ցավերից։ Այնտեղ քեզ սպասում են, այնտեղ շատ են ուզում, որ աշխարհ գան քո զավակները»։

Տուոնելիի կույր աղջիկը, Մանալի եղկելի֊այլանդակ ծնունդն անմիջապես գնաց Պոխյոլա, ուզեց մտնի եռանկյունի խրճիթը։ Ջադու ատամնաթափ Լոուխին վրա հասավ, աղջկանը թաքուն բաղնիք տարավ, որ գյուղացիները չտեսնեն, իրենց խոսածները չլսեն։

Լոուխին բաղնիքը սարքի գցեց, ջուրը տաքացրեց, աղջկան մինչև մեջքը կանգնեցրեց ջրի մեջ և այսպիսի խոսքեր ասաց․

«Ով դու ամենազոր Ուկկո, քո բարձրունքից վայր իջիր, տե՛ս, այստեղ, գյուղական բաղնիքում հղի մի կին է կանգնած և ցավերից տառապում է։

Դու քո հզոր աջովդ խափանիր, ոչնչացրու բոլոր արգելքերը, որպեսզի կինն ազատվի այս դառն ցավերից, որպեսզի աշխարհ գան արգանդում եղած բոլորը, թե ուժեղները և թե թույլերը»։

Եվ ահա՛, վերջապես սևադեմը ծնեց այն դժխեմ զավակները։ Այն ամառային գիշերն աղջիկը ծնեց իննը զավակ։

Եվ տղաներին անուններ դրեց․ ամեն մեկին մի այնպիսի անուն, որ համապատասխան լինի այն գործին, որ պետք է գործեր այդ չար զավակներից ամեն մեկը։

Մեկի անունը Վերք դրեց, մյուսինը՝ Թոքախտ,

Երրորդինը՝ Հոդացավ, Չորրորդինը՝ Հյուծախտ

Հինգերորդինը՝ Ջրգողություն, Վեցերորդինը՝ Քոս,

Յոթերորդինը Թարախակալած վերք, ութերորդինը՝ Ժանտախտ։

Մնաց իններորդը, որ ամենավերջին էր ծնվել և նրա անունն էլ մայրը կնքեց՝ Նախանձ։

Պոխյոլայի ջադուն բոլոր տղաներին կանչեց միգապատ մի կղզի, պատվերներ տվեց և ուղարկեց Կալեվալա, որ Վեյնեմեյնենին ու նրա ժողովրդին պատուհասեն, կործանեն։

Եվ ցավն ու հիվանդությունները սփռվեցին ամբողջ Կալեվալայում․ մարդիկ տնքում էին տանջող ցավերից, դաշտերը խոպան դարձան, նույնիսկ տների դռներն ու առաստաղները մգլոտեցին։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը տեսավ իր ժողովրդի տանջանքը, տեսավ ծերունիների և մանուկների տառապանքները։ Բայց չընկճվեց, զորեղ էր նրա կամքը․ որոշեց փրկել իր ժողովրդի մարմինն ու հոգին։

Նա գնաց և, ջրի հոսանքով բերված մաքուր փայտերով, թեժ տաքացրեց բաղնիքը․ բաղնիքում քարեր դրեց, նրանք շիկացան և ծերուկն ասաց․

«Ահա՛, ես այս տաք քարերի վրա ջուր կլցնեմ․ ո՜վ ամենակալ տեր, օգնի՛ր, որ ջուրն այստեղ մեղրի վերածվի, թող սկսի հոսել քաղցր հյութը և բուժիչ դեղ դառնալ, այնպիսի դեղ, որ մարդկանց ցավերն ու վերքերը չքանան և այլևս ո՛չ մի հիվանդություն կալեվալցուն մոտ չգա ո՛չ գիշերը և ո՛չ էլ ցերեկը։ Ով հաստիչդ երկնային, ժայռերի մեջը շատ անցքեր կան, բոլոր հիվանդությունները, մարդկանց տանջանքները նետիր այդ անցքերի մեջ․ թող նրանք անդունդներում կորչեն և այլևս ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը դուրս չգան այդ անդունդներից և մարդկանց չվնասեն։

Եվ ծերուկը պատրաստեց իննը տեսակ ամենալավ բուժիչ դեղեր, հիվանդների վերքերին քսեց այդ դեղերից և աղոթեց․

«Ով դու բարձրյալդ աստված Ուկկո, երկնքի հավերժական բնակիչ, առաքիր բարենպաստ հողմերը, առաքիր բարենպաստ անձրև, որ բուժվեն իմ ժողովրդի վերքերը, մեղմացնեն նրանց տառապանքները։

Եթե քո զորությունը չլինի, ես չե՛մ կարող բոլորին օգնել։ Ամենակալ տեր, դու պետք է, որ ժամ առաջ հասնես և փրկես իմ ժողովրդին։ Այնտեղ, ուր իմ ձեռքը չի զորում, թող քո՝ ստեղծագործողիդ ձեռքը հասնի, այնտեղ, ուր իմ մատները չեն զորում, թող քո հզոր մատները հասնեն․ չէ՞ որ ստեղծագործողի մատներն ավելի վարպետ են և ձեռքերն ավելի կարող»։

Եվ այսպես, այն հավերժական իմաստուն Վեյնեմեյնենը վանեց ցավն ու հիվանդությունները, մարդկանց տառապանքին վերջ տվեց, նրանց հոգին ու մարմինը փրկեց, Կալեվալայի ցեղին նոր կյանք պագևեց։

Ռունա ԽԶ

Պոխյոլայի ջադու տիրուհին ծուռթաթ արջին բաց է թողնում Կալեվալայի հոտերի վրա․ Վեյնեմեյնենն այս նոր փորձանքից էլ է ազատում իր ժողովրդին

Պոխյոլայի տիրուհին լուր առավ, որ Վեյնեմեյնենն իր ժողովրդին բուժեց, վանեց ցավն ու հիվանդությունները։ Ատամնաթափ ջադուն կատեղեց, ասաց․

«Ես ուրիշ միջոց էլ ունեմ Կալեվալայի ժողովրդին տանջելու։ Անտառի թավուտներից բաց կթողնեմ ծուռ թաթերով հսկա արջին, որ կալեվալցիենրի հոտերը ոչնչացնի»։

Եվ պառավն անտառի խորքից բաց թողեց ծուռ թաթերով արջին։ Վայրի գազանը մտավ Կալեվալա, որ ժողովրդի նախիրներն ու հոտերը ոչնչացնի, ոտքի տակ տա նրա ծաղկած հանդերը։

Վեյնեմեյնենը դիմեց Իլմարինենին․

«Եղբայր իմ, սարքիր ինձ համար մի սուր և ամուր նիզակ, որպեսզի ես գնամ, սպանեմ այդ արջին, նրան մորթազերծ անեմ, բերեմ նրա թանկարժեք մորթին, որպեսզի նա իմ ժողովրդի ձիերը չխժռի, մեր կաթնատու կովերը չփչացնի, մեր հոտերը չոչնչացնի»։

Ճարտար դարբին Իլմարինենը կռեց֊կոփեց մի սուր ու ամուր նիզակ։ Նիզակը ոչ շատ մեծ էր, ոչ էլ շատ փոքր, միջին չափսի էր․ նիզակի կոթը դարբինը զարդարեց գայլի, արջի և եղջերուի պատկերներով։

Երբ Վեյնեմեյնենը դեպի անտառը գնաց, արդեն փափուկ ձյուն էր տեղացել և չորս կողմի վրա փռված էր սպիտակ սավանի նման։ Ծերուկ երգիչն ասաց․

«Ահա ես անտառ եմ մտնում, ո՜վ դու անտառի տիրուհի, քո շներին ամուր կապիր, որ անարգել անցնեմ։

Իսկ դու Օտսո, անտառի զորեղ արջ, լսո՞ւմ ես, ահա՛ ես ուղիղ դեպի քեզ եմ գալիս։ Դու ճանկերդ մամուռների մեջը խրիր, բերանդ փակիր, որ ատամներդ չերևան և ինձ չսպառնան, որպեսզի ես կարողանամ իմ ճամփով գնալ։ Դու իմ սիրելի մեղրաթաթ արջ, քեզ համար քնիր, հանգստացիր քո որջում, ինչպես թռչունն է բնում իր ձվերի վրա հանգիստ նստում»։

Այսպես խոսեց Վեյնեմեյնենը և սկսեց քայլել անտառի կածաններով։ Քայլեց, քայլեց ծերուկը և հասավ գազանի որջին։ Արջն այդ պահին որջից դուրս էր եկել, բարձրացել էր ծառի ճյուղին։ Վեյնեմեյնենը մեկ էլ տեսավ, որ ճյուղը պոկվեց և արջը փռվեց գետնին․ երգիչն ասաց․

«Փա՜ռք բարձրյալին, անտառի զարդը կազմող այս ահարկու արջն ինձ պարգևեց»։

Ապա ծերունին այսպիսի խոսքերով դիմեց արջին․

«Իմ սիրելի Օտսո, դու մեղրաթաթ արջ, մի՛ նեղանար․ ես քեզ չեմ ծեծել, իմ նիզակով չեմ սպառնացել․ դու ծառի ճյուղից վայր ընկար և մորթիդ քերծվեց։ Արի թո՛ղ քո սառը որջը, թո՛ղ այս կածանները, ընկերացիր ինձ, գնանք գյուղը՝ հերոսների, կտրիճ այրերի մոտ։ Նրանք քեզ լավ կընդունեն, նրանք իրենց հյուրերին պատվում են փեթակների անուշ մեղրով»։

Եվ ծերուկ Վեյնեմեյնենն իր նոր ընկերոջ հետ սկսեց քայլել անտառով և դաշտերով․ քայլում է ու երգում․ նրա երգի ձայնը հասավ գյուղ։

Խրճիթում հավաքված մարդիկ դուրս թափվեցին և երբ Վեյնեմեյնենին տեսան, ասին․

«Այս ի՜նչ ուրախ երգերով ես գալիս․ ոսկի֊արծա՞թ ես գտել, թե Ջրասամույրի կամ թե Լուսանի մորթի ես ճարել»։

Վեյնեմեյնենն ասաց․

«Ոչ Ջրասամույր, ոչ էլ Լուսան եմ որսացել․ ինձ հետ ավելի թանկագին բան կա․ ինձ հետ է անտառի զարդը՝ մահուդի կաբա հագած։ Եթե օտարի համար տեղ ունեք, ուզում եք հյուր ընդունեք, բաց արեք դարբասի դուռը, եթե չէ, փակեցեք»։

Գյուղացիք ուրախացան․ նրանցից մեկն այսպիսի պատասխան տվեց․

«Բարի՜ եկար մեղրաթաթ արջ, շատ լավ արիր, որ մեր մաքուր բակը մտար։ Ամառ թե ձմեռ քեզ էի սպասում։ Գիեշրը լուսամուտի մոտ էի նստում, ցերեկը բակի դռան մոտ․ ձմեռը սառույց կտրած ձյան վրա էի սպասում, ամառը փոշոտ ճանապարհին․ բայց դու չէիր երևում։ Եվ ես մտածում էի, հապա որտե՞ղ է թափառում արջը, չլինի՞ թե Էստոնիա է գնացել, հեռացել է մեր աշխարհից»։

Վեյնեմեյնենը հարցրեց․

«Որտե՞ղ տանենք մեղրաթաթին․ գո՞մը, փափուկ խոտերի վրա՞ տեղ ունենք մեր հյուրին»։

Գյուղացիք միաձայն ասին․

«Դու մեր ոսկեղենիկ հյուրին բեր մեր ամենալավ խրճիթը։ Այնտեղ ամեն ինչ սարք ու կարգին է և համեղ ուտելիքն էլ արդեն պատրաստ է»։

Երբ արջը խդճիթ տարան, գյուղացիք ասին․

«Մեղրաթաթ հյուրին նստեցրու երկաթե աթոռին, որ մենք մոտից տեսնենք և շոշափենք նրա մորթին․․․ իսկ դու Օտսո, մի՛ նեղանար, որ մենք քեզ հետ սկսում ենք ծանոթանալ նախ և առաջ ստուգելով, թե ինչպիսի մորթի ունես։ Մենք գիտենք լավ մորթու֊մուշտակի արժեքը․ մենք այն ոչ անբան մարդու կտանք, ոչ էլ իզուր տեղը կփչացնենք»։

Ծերուկ Վեյնեմեյնենը նույն պահին հսկա արջին մորթազերծ արեց և մուշտակը պահ տվեց․

Բերին մի մեծ ղազան․ արջի միսը կտոր֊կտոր արին, լցրին մեջը և դրին ջեռ կրակի վրա։ Մսի վրա էլ աղ ցանեցին․ աղը հատուկ նավով բերել էին գերմանացիների երկրից, Դվին գետի այն կողմերից։

Եվ այսպես, այն արջը որ չար Լոուխին ուղարկել էր Կալեվալայի ժողովրդին վնասելու, հզոր երգիչ Վեյնեմեյնենի իմաստությամբ դարձավ նրանց մեծ խնջույքի համեղ պատառը, մուշտակն էլ արդեն տեղով ոսկի և արծաթ էր։

Մեծ սեղան բացեցին, արջի խաշած֊խորոված միսը դրին մեջտեղը, անուշ գարեջուրն էլ մեծ թասերով դրին սեղանի թե մեկ, թե մյուս ծայրին։

Ծերուկ Վեյնեմեյնենն այսպես խոսեց․

«Ո՛վ դուք անտառի տիրակալներ, ո՜վ դու Տապիոլի, և դու Միելիկկի, դուք ձեր կտրիճ որդի Տապիոյի և չքնաղ դուստր Տելլերվոյի հետ նույնպես եկեք այս մեծ խնջույքին։ Մեր սեղանը լիքն է, ամեն բարիքն առատ է․ եկեք և ուրախացեք․ չէ՞ որ ձեր և բարձրյալի օգնությամբ ես կարողացա կախարդել ահարկու արջին և ժողովրդի համար ուրախության սեղան բաց անել»։

Կերան֊խմեցին և ահա՛ ջահելները հարցրին․

«Ով դու ծերուկ Վեյնեմեյնենն, ասա՛, իմանանք, այդ ինչպե՞ս է, որ անտառի տիրակալներն այդքան ողորմած են դեպի քեզ․ ինչպե՞ս եղավ, որ դու կարողացար հնազանդեցնել և բերել֊մորթազերծ անել ահարկու արջին»։

Իմաստուն երգասացը պատասխանեց․

«Անտառի տիրակալները միշտ իմ խնդիրը կատարել են, որովհետև ինչ֊որ ես խնդրում եմ, ժողովրդի բարիքի համար եմ խնդրում։ Այս անգամ էլ նրանք այնպես արին, որ ես անտառի թավուտներում չմոլորվեմ և ուղղակի գնամ ու գտնեմ արջի որջը։ Եվ երբ հասա այնտեղ, ուր արջն էր պահ մտել, ես ոչ նիզակս գործի դրի, ոչ էլ նետ֊աղեղ։ Ճյուղը, որի վրա նստել էր արջը, պոկվեց և արջն ընկավ իմ ոտքերի մոտ․ ընկնելիս գազանը վիրավորվել էր և թուլացել։ Եվ ահա՛, ես արջին բերի ձեզ մոտ, ձեր աչքի առաջ մորթազերծ արի․․․ դե՛, հիմա կարող ենք ուրախանալ, որ ազատվեցինք ջադու Լոուխիի այս նոր որոգայթից»։

Կալեվալցիներն ավելի ոգևորվեցին և մի կողմից արջի մսի համեղ պատառներն էին ուտում, մյուս կողմից անուշ գարեջուր կոնծում։

Ծերուկ Վեյնեմեյնենն ավելի սրտալի սկսեց երգել, որ խնջույքն ավելի ուրախ անցնի։ Իմաստուն երգիչն իր ժողովրդի կյանքի հավերժական գովքն արեց․

«Ավելի պայծառ լուսավորիր, ով դու լուսատու, որ քո կենարար շողերի տակ միշտ երջանիկ լինի մեր կյանքը, ավելի դուրեկան լինի մեր երգը։ Ո՜վ դու երկնավոր տեր, քո բարիքը թող անպակաս լինի մեր գլխից․ իմ աշխարհի կտրիճներին միշտ ուղիղ ճամփա ցույց տուր, որ նրանք կյանքում չմոլորվեն։ Օգնի՛ր, որ մեր անտառները միշտ փարթամ լինեն և թռչունները թառեն ծառերին և անուշ գեղգեղան։

Թող իմ երկրի ջահելները և գալիք սերունդներն իրենց հայրենի դաշտերում և լեռներում իրենց արդար վաստակի տերը լինեն, միշտ ուրախ և երջանիկ ապրեն և թող երգն անպակաս լինի նրանց շրթունքներից»։

Ռունա ԽԷ

Լուսինն ու արևը երկնքից վայր են իջնում, որ լսեն Վեյնեմեյնենի նվագն ու երգը։ Պոխյոլայի ջադու տիրուհին փախցնում է լուսատուները և տանում թաքցնում է պղնձակուռ անձավում

Այնքա՜ն դուրեկան էր Վեյնեմեյնենի երգը, այնքա՜ն հնչեղ նրա Կանտելեի երգը, որ ով լսում՝ զմայլվում էր։ Երգի ու նվագի ձայնը գնաց հասավ շատ աշխարհներ, հասավ մինչև լուսինը, հասավ արեգակին։

Լուսինն իջավ կեչու թեք ճյուղին, արեգակն իջավ սոճու կատարին, որ Վեյնեմեյնենի Կանտելեի նվագը մոտից լսեն, որ հիանան իմաստուն ծերունու երգերով։

Լոուխին, Պոխյոլայի այն անատամ ջադու տիրուհին, իսկույն սոճու կատարից փախցրեց արևը, փախցրեց լուսինը կեչու թեք ճյուղի վրայից և տարավ թաքցրեց Պոխյոլայի պնղձակուռ անձավների մեջ ու ասաց․

«Այլևս ո՛չ արևը, ո՛չ էլ լուսինը, եթե ես թույլ չտամ, չե՛ն լսուսավորի Վեյնեմեյնենի հայրենիքը՝ Կալեվալան»։

Այն ջադուն սակայն դրանով չբավականացավ, գնաց և Կալեվալայի օջախներից գողացավ֊փախցրեց կրակը, և ամեն օջախ ու տուն զրկեց կրակից, զրկեց լույսից։

Ու եղավ խավար գիշեր, Կալեվալան թաղվեց մթության մեջ։

Խավարը պատեց նաև երկինքը։ Մութն էր նաև բարձրյալ Աստծո, Ուկկոյի տունը։

Ապրելն այլևս անհնար էր․ մարդիկ արևի լույսին և կրակին կարոտ՝ տանջվում էին։

Ինքը, Ուկկո Աստվածն էլ շատ զարմացավ, երբ տեսավ, որ արևն ու լուսինը այլևս չեն լուսավորում։ Նայեց, նայեց ու չիմացավ, թե որտե՛ղ են թաքնված լուսատուները։

Բարկացավ Ուկկո Աստվածը, քաշեց հրեղեն թուրը և խփեց ամպերին․ հզոր հարվածից երկնքում շանթեր բռնկվեցին, կայծեր ցայտեցին։

Ինքը, երկնքի տեր Ուկկոն կայծը դրեց մի ոսկյա պարկի մեջ, պարկն էլ դրեց մի արծաթյա օրորոցի մեջ և այդ օրորոցը տվեց օդի դստերը։ Օդի դուստրը պետք է խնամեր, օրորեր արկղում պահած կայծը, այնպես որ նա դառնար նոր արեգակ, նոր լուսին։

Օդի դուստրը նստեց մի ամպի վրա, ոսկյա օրորոցը, որի մեջ կայծն էր, արծաթյա շղթայով կապեց երկնակամարին և սկսեց օրորել։ Բայց օդի դուստրը չգիտեր ինչպես օրորել, որ կայծը մեծանար և արև ու լուսին դառնար։ Օրորոցը ճոճվում էր երկնքի և երկրի մեջ ու կայծն ավելի էր բորբոքվում։ Աղջիկը կայծը գիրկն առավ, մի քիչ էլ օրորեց և հանկարծ կայծը պոկվեց նրա ձեռքերից և ցած գլորվեց։

Ահեղ որոտ լսվեց, օդեղեն տարածության դռները լայն բացվեցին և կայծը, բոցեր արձակելով, անցավ բոլոր իննը երկինքներից և, ճեղքելով ամպերը, մեծ աղմուկով սլացավ դեպի երկիրը։

Վեյնեմեյնենը տեսավ, թե ինչպես մի պահ լուսավորվեց երկինքը․ նա դիմեց Իլմարինենին․

«Եղբայր իմ, ճարտար դարբին, գնանք տեսնենք, թե դա ինչ կրակ էր, որ երկնքից իջավ երկրի վրա․ գուցե դա նոր արև է և նոր լուսին»։

Երկու հերոսները ճամփա ընկան, բայց ո՞ր կողմով գնան, որ հասնեն, գտնեն երկնային կայծը։

Հասան մի մեծ գետի, որն հոսում էր անտառի եզրով․ երկուսով անմիջապես մի նավակ սարքեցին և այն գետն իջեցնելով սկսեցին թիավարել։

Թիավարում էին Նևա գետի հոսանքով․ հանկարծ նրանց ձայն տվեց Իլմաթարը, օդեղեն բարձրունքների առաջնեկ, չքնաղ դուստրը։

«Ովքե՞ր եք դուք, ի՛նչ անունով են ձեզ կոչում ձեր հայրենիքում»։

Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Մենք երկուսով էլ ծովագնացներ ենք։ Ես ծերուկ Վեյնեմեյնենն եմ, իսկ իմ ընկերոջ անունն է Իլմարինեն։ Իսկ դու ո՞վ ես, ինչպե՞ս է քո անունը»։

Կինը պատասխանեց․

«Ես օդեղեն տարածությունների դուստրն եմ և մայրն այն ամենի, ինչ կա աշխարհի վրա։ Ասեք ինձ, ով այրեր, ուր եք գնում»։

Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Ահա՛ յոթ օր է, որ մենք զրկվել ենք լույսից ու կրակից։ Այս կողմերում կայծ է ընկել երկնքից, գնում ենք, որ փնտրենք֊գտնենք այդ կայծը և մեր աշխարհը լուսավորենք»։

Կինն այսպես պատասխանեց․

«Այնքան էլ հեշտ չէ գտնել այդ կայծը։ Երկնքից ընկնելով նա շատ վնասներ պատճառեց․ դաշտ ու անտառ, տուն և մառան, գոմ և ամեն շինություն այրել֊ոչնչացրել է․ ոչնչացրել է նաև այն բոլոր նոր տները, որ կառուցել էր Պալվոնեյնը։

Էլի շատ վատ գործեր արավ այդ կայծը։ Նա շատ աղջիկների դեմքն ու կուրծքն է այրել֊այլանդակել, շատ տղաների ծնկները և ծերունիների մորուքն է խանձել֊այրել։

Երբ մայրն օրորոցին թեքված երեխան էր կերակրում, այդ չար կայծը ոճրագործի նման հարձակվում է օրորոցի վրա, այրում է երեխային․ մանկիկը մեռնում է, գնում անվերադարձ աշխարհը։ Ճիշտ է, բոլորի վերջը մահն է, բայց անմեղ երեխան անժամանակ հեռացավ կյանքից, այն էլ մինչ հոգին ավանդելը սոսկալի տանջվեց այրվածքներից։

Մոր կուրծքն էլ թեև ծանր այրվածքներ ստացավ, բայց դժբախտ մայրը չմեռավ․ նա կախարդանք արավ և կայծը դռան արանքից դուրս պրծավ, թռավ հասավ դաշտը»։

Ծերուկ Վեյնեմեյնենը շտապով հարցրեց․

«Բայց որտե՞ղ թաքնվեց նա․ անտառի թավուտնե՞րն է մտել, թե գլորվել, ընկել է ծովը․ որտե՞ղ պիտի գտնել այդ կայծը, գտնել և հնազանդեցնել, որ նա մարդկանց օգտին ծառայի և ո՛չ թե բարիքներն այրի ու ոչնչացնի»։

Կինն այսպես պատասխանեց․

«Կայծն ընկնելով երկնքից, երբ շատ դաշտեր, անտառներ և տներ այրեց, վերջիվերջո գլորվելով եկավ֊ընկավ ծովը։ Ծովը փրփրեց, եռաց և հրեղեն ալիքները բախվեցին ափի ավազներին։ Ձկներն իրար անցան, չգիտեն ինչ անեն, որ փորձանքից ազատվեն․ մի քանի ձկներ փորձեցին կուլ տալ կայծը, բայց չկարողացան։ Վերջը սիգ ձուկը որսաց կայծը և կուլ տվեց։ Այդ ժամանակ ծովի ալեկոծումը դադարեց, ալիքները մեղմացան։ Բայց սիգ ձուկը հանգիստ չուներ, կայծն այնպես էր այրում նրա ներսը, որ խեղճ ձուկը թփրտում էր և չգիտեր ինչպես ազատվեր այդ փորձանքից։

Սիգը տանջվելով ու թփրտալով անցավ հարյուրավոր կղզիների և հրվանդանների մոտով, բայց տառապանքից ազատվելու ճար չկար։ Մի կղզի, հետո մի հրվանդան այսպես ասին․

«Մի՞թե այս ջրերում, այս անդունդներում չկա՞ մեկը, որ սպանի այս խեղճ ձկանը, կամ կուլ տա, որ նա ազատվի այս տանջանքներից»։

Կարմրախայտը լսեց այդ խոսքերը և սիգ ձկանը կուլ տվեց։ Քիչ անց Կարմրախայտն էլ սկսեց տառապել, թփրտալ․ կայծը նրա ներսն էր այրում, կեղեքում և սոսկալի ցավեր պատճառում։

Ակս ձուկն էլ լողալով շատ կղզիների և հրվանդանների մոտով անցավ, բայց ցավը չէր մեղմանում։

Նորից մի կղզի, հետո մի հրվանդան ասին․

«Մի՞թե այս ջրերում, այս անդունդներում չկա մեկը, որ սպանի այս խեղճ Կարմրախայտին կամ կուլ տա, որ նա ազատվի այդ սարսափելի տանջնաքներից»։

Գայլաձուկը լսեց այդ խոսքերը և կուլ տվեց Կարմրախայտ ձկանը, որը քիչ առաջ կուլ էր տվել սիգին՝ փորումը եղած կայծի հետ միասին։

Հիմա էլ գայլաձուկն սկսեց տանջվել․ պոչով խփում է ալիքներին, սուզվում է մինչև ծովի հատակը, հետո ահավոր աղմուկով սկսում է լողալ մեկ ափի մոտերքով, մեկ որորների հրվանդանի մոտերքով, մեկ էլ փաթ է տալիս հարյուրավոր կղզիների չորս բոլորը։ Բայց ճար չկա․ կայծն այրում է նրա փորոտիքը։ Մի կղզի, հետ մի հրվանդան այսպես ասին․

«Մի՞թե այս ջրերում, այս անդունդներում չկա մեկը, որ սպանի այս խեղճ Գայլաձկանը, կամ կուլ տա, որ նա ազատվի այդ սարսափելի տանջանքներից»։

Եվ Իլմաթարը խորհուրդ տվեց դյուցազուններին որսալ գայլաձուկը և փորից հանել կայծը։

Դյուցազունները շտապ մի ուռկան սարքեցին։ Ուռկանը ճիլոպից էր և փշատերևից․ սարքեցին և ծովը գցեցին, բայց այդ թույլ ցանցերի մեջ ընկնում էին միայն փոքրիկ ձկներ։

Այն ժամանակ մի գայլաձուկ ասաց մյուսին․

«Այս ի՞նչ է, Կալեվալայում բոլոր քաջ տղամարդիկ մեռա՞ն․ ուր են այն կտրիճները որ վուշից ուռկան էին սարքում և ամեն տեսակ խոշոր ձկներ որսում»։

Լսեց այդ Վեյնեմեյնենն ու ասաց․

«Ոչ, Կալեվալայի քաջերը չեն մեռել, նրա հերոսներն ապրում են։ Թե մեկը մեռնում է, երկուսն են ծնվում․ նրանք շատ լավ կարթաձողեր ունեն և կարող են ամուր ու դիմացկուն ուռկա՛ն էլ սարքել և ամե՛ն տեսակ խոշոր ձկներ որսալ»։

Ռունա ԽԸ

Կալեվալայի դյուցազունները մեծ֊դիմացկուն ուռկան են սարքում և որսում են Գայլաձկանը, որ կուլ է տվել երկնքից ընկած կայծը

Իմաստուն Վեյնեմեյնենը շատ ծանր ու թեթև արավ՝ որտեղի՞ց գտնել վուշի թելեր, որ դիմացկուն և սովորականից հարյուր անգամ մեծ ուռկան սարքի, որ այդ գայլաձկանը բռնի, սպա՛նի, կայծը փորից հանի։ Այսպես խոսեց ծերուկը․

«Ինչ էլ լինի պետք է մի հողակտոր գտնել, վուշ ցանել, աճեցնել֊հնձել, որպեսզի մեծ ուռկան սարքեմ և որսամ գայլաձուկը»։

Ծերուկ Վեյնեմեյնենը խարխափելով, այրված դաշտում, երկու կոճղերի մոտերքում գտավ մի հողակտոր, ուր առաջ վուշ էր ցանված եղել։ Փորեց֊փորփրեց և գետնի տակից վուշի սերմեր գտավ։

Այդտեղ այրված ծառերից ու նավակներից բավական մոխիր էր գոյացել․ ծերուկը մոխիրը խառնեց հողին, պարարտացրեց և այդ պարարտ հողում վուշի սերմերը ցանեց։

Ամառվա գիշերվա ընթացքում վուշն աճեց, փարթամացավ, առատ բերք տվեց․ շուտով քաղեցին և սկսեցին մշակել։

Աղջիկները թելեր քաշեցին, ծերունիները հաստ պարաններ պատրաստեցին։ Եվ այդ թելերից ու պարաններից հինգ հարյուր սաժեն լայնությամբ ուռկան գործեցին, յոթ հարյուր սաժեն երկարությամբ պարաններ հյուսեցին։ Ուռկանին քարեր և տախտակներ կապեցին։

Վեյնեմեյնենն իր դյուցազուններով ուռկանը ծովը գցեց։ Ամեն տեսակ ձուկ ընկավ ուռկանի մեջ, բայց այն մեծ ձուկը, որի համար սարքեցին ուռկանը, դեռ մոտ չէր գալիս։ Էլի մի քանի անգամ փորձեցին, բայց Գայլաձուկն անորսալի մնաց։

Ծերունի երգասացն այսպես խոսեց․

«Ո՜վ դու Վելլեմո, ծովերի Աստված և դու Ախտո, անդունդների տիրակալ, օգնի՛ր մեզ բռնել ձկան, ձեռքդ առ երկար փայտը և ձկները քշիր դեպի ուռկանը, քշիր ծովածոցերից, քշիր անդունդներից, քշիր ամեն կողմից, օգնի՛ր մեզ տիրանալ երկնքից առաքված կրակին»։

Այդ ժամանակ ծովի ալիքների վրա երևաց մի պատանի․ տեսքով պատանի, բայց՝ դյուցազուն ամենակարող․ նա ասաց․

«Դուք ուզում եք, որ մեկն ու մեկը ձուկը դեպի ուռկա՞նը քշի, մեծ մահակով ծո՞վը խառնի»։

Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Այո՛, մեզ պետք է մեկը, որ այն մեծ մահակը ձեռքն առնի և ձուկը դեպի ուռկանը քշի»։

Պատանի դյուցազնը մեծ մահակը ձեռքն առավ, ծովը մտավ և հարցրեց․

«Ամբողջ ուժո՞վս բանեցնեմ մահակը, որ ձկները դեպի ցանցը քշեմ, թե՞ սովորականի նման աշխատեմ»։

Ծերուկ Վեյնեմեյնենը պատասխանեց․

«Թե որ սովորականի նման էլ ձկները քշես դեպի ցանցը, դա էլ բավական է»։

Փոքրիկ դյուցազնը սկսեց աշխատել այնպես, ինչպես սովորաբար աշխատում էր, և ձկները վտառներով դեպի ցանցը լողացին։

Նավակը թիավարում էր Իլմարինենը, իսկ Վեյենեմեյնենը, որ ուռկանը փռել էր ծովի վրա, այժմ սկսեց այն դեպի ափը քաշել։ Քաշե՜ց, քաշե՜ց և ուրախացած ասաց․

«Արդեն շատ ձկներ են ընկել ցանցը։ Եվ ամենից շատ այնտեղ, որտեղ ուռկանը վեր եմ ձգել, իսկ տախտակները ներքև իջեցրել»։

Ծերուկ Վեյնեմեյնենը, երբ արդեն ուռկանն ամբողջովին դեպի ափը քաշեց, շատ տեսակի ձկներ հանեց միջից․ վերջապես հանեց նաև Գայլաձուկը, որին բռնելու համար այդ մեծ ուռկանը սարքեցին։

Ծերուկն այսպես խոսեց․

«Արդյոք առանց երկաթե ձեռնոցների կարո՞ղ եմ այս ձուկը մորթել և կայծը փորիցն հանել»։

Արևի որդին հայտնվեց և ձայն տվեց․

«Ես անմիջապես այս ձկան փորը կճեղքեի, եթե հայրական դանակը ձեռքս ունենայի»։

Անմիջապես երկնքից ոսկե բռնակով մի պողպատյա դանակ ընկավ և ուղղակի քաշ ընկավ արևի որդու գոտկատեղից։

Արևի խիզախ որդին անմիջապես դանակը ձեռքն առավ, լայնաբերան Գայլաձկան մարմինը կտրտեց և փորից հանեց Կարմրախայտ ձուկը։ Տղան պատռեց նաև Կարմրախայտի փորը և այնտեղից հանեց մի գնդիկ՝ կապույտ ծածկոցով․ ծածկոցը քանդեց, երևաց մի ուրիշ՝ կարմիր ծածկոց․ կարմիր ծածկոցն էլ ետ տվեց և հանեց այն կայծը, որ ընկել էր իններորդ երկնքից, երկիր էր հասել թանձր ամպերի միջով։

Ծերուկ իմաստուն Վեյենեմեյնենը մտածեց, ինչպե՞ս անի, որ կայծը հայրենի աշխարհն հասցնի, երկիրը լուսավորի, օջախները տաքացնի։

Բայց այդ պահին կայծն արևի որդու ձեռքից դուրս թռավ, Վեյնեմեյնենի մորքուն այրեց, բայց ավելի ուժեղ այրեց Իլմարինենի դեմքը, ձեռքերը և մարմինը։

Կայծն ապա սլացավ առաջ, այրեց այն ամենը՝ ծառ, անտառ, արտ, ինչ որ լրիվ չէր այրել երկնքից ընկնելու պահին։

Ծերուկ Վեյնեմեյնենը գնաց կայծի ետևից․ գնա՜ց, գնա՜ց և վերջապես տեսավ, որ կայծը թաքնվել է լաստենու փթած փչակում։ Եվ երգասացը խոսեց․

«Ով կայծ, դու կենարար լուսատու, որ ստեղծված ես բարձրյալի կամքով, իզուր ես փախչում մեզանից։ Լավ է, որ թույլ տաս քեզ տանեմ մեր խրճիթները, քեզնով տաքացնեմ մեր վառարանները․ տանեմ, որ մեզ ջերմացնես, մեր տները լուսավորես․ տանեմ, որ ցերեկները վառարանում կեչիների կտորտանքը բոցավառես, իսկ գիշերներն անթեղվես տաք ածուխի տակ և հանգստանաս»։

Ծերուկ Վեյնեմեյնենը մի պղնձե աման սարքեց, մեջը դրեց կայծը, որը ձեռք բերելու համար այնքա՜ն դժվարություններ քաշեց, և տարավ իր հայրենի օջախները տաքացրեց․ մթամած տները լուսավորեց։

Իսկ այդ պահին Իլմարինենը, որ տանջվում էր կայծի այրվածքներից, վազեց հասավ ծովափ և այսպես խոսեց․

«Ով դու կայծ, երկնային լուսատուի զավակ․ ինչո՞ւ ես այդպես զայրացած, ինչո՞ւ այրեցիր իմ դեմքը, ազդրերս ու մեջքս։ Ի՞նչ անեմ, որ վերքերը բուժվեն, որ ես այլևս չտանջվեմ այս սոսկալի այրվածքներից»։

Ապա դիմեց բարձրյալին․

«Ով դու մեծազոր Աստված Ուկկո, ամպեր առաքիր արևելքից և արևմուտքից, թող ձյուն տեղա, որ գոնե այրվածքներս զովությունից մեղմանան։ Տուր ինձ այնպիսի բալասան, որ քսեմ այրվածքներիս և ես բուժվեմ, ազատվեմ այս տանջող ցավերից»։

Եվ աստծուց առաքված դեղերով Իլմարինենի ցավերը մեղմացան․ շուտով ապաքինվեց այրվածքներից, կրկին նույն ուժեղ, նույն ճարտար դյուցազնը դարձավ։

Ռունա ԽԹ

Իլմարինենը կռում֊կոփում է նոր լուսին և արև, բայց նրանք չեն լուսավորում։ Վեյնեմեյնենը գուշակությամբ իմանում է, թե պառավ Լոուխին որտեղ է թաքցրել լուսինն ու արևը։ Կալեվալայի հերոսները մեծ ջանքերով երկնքի լուսատուներին ազատում են բանտ֊քարայրից

Մռայլ էր սակայն հայրենի աշխարհը։ Արևն ու լուսինը չէին լուսավորում Կալեվալան։ Հայրենի դաշտերը ցրտահար եղան, անասունները հիվանդացան, հյուծվեցին։ Մարդիկ շատ տխուր էին․ թռչուններն այլևս չէին գեղգեղում։ Չէ՛, անհնար էր ապրել առանց ջերմ արևի, անհնար էր կյանքն առանց լուսնի արծաթյա շողերի։

Ձուկը գիտեր, թե որ փոսում պետք է ձկնկիթ թափեր, արծիվը գիտեր, թե որ ճամփով պետք է հասներ իր ձագերին, քամին նավակին ուղղություն էր տալիս, ինչպես միշտ, միայն մարդիկ չգիտեին մշուշապատ առավո՞տ է, թե՞ խավար գիշերն է արդեն իջել երկրի վրա։

Ծեր ու մանուկ սկսեցին մտածել, նրանց հետ նաև աղջիկները, ինչպե՞ս ապրեն Հյուսիսային այդ տափաստաններում, որ հիմա այդքան մռայլ է ու անլույս։ Եվ ահա՛ նրանք գնացին դարբին Իլմարինենի մոտ և ասացին․

«Ով դու ճարտար դարբին, տաք վառարանի կողքը պառկելու ժամանակը չէ, վեր կաց և քո դարբնոցում մեզ համար նոր արև և նոր լուսին սարքիր, թե չէ այսպես անարև, անլուսին այլևս հնարավոր չէ ապրել»։

Դարբինը գնաց դարբնոց, հնոցը ջեռացրեց և գործի անցավ։

Վեյնեմեյնենը մոտեցավ դարբնոցի դռանը և հարցրեց․

«Եղբայր իմ Իլմարինեն, այդ ի՞նչ ես սարքում․ մուրճիդ ձայնն անընդհատ լսվում է, այդ ի՞նչ ես կոփում»։

Դարբինը պատասխանեց․

«Ոսկուց լուսին եմ պատրաստում, արծաթից՝ արեգակ, որ տանեմ հանեմ ամենաբարձր տեղը, մինչև երկինք, որ մեր աշխարհին լույս տամ»։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենն ասաց․

«Ո՛հ, ճարտար դարբին, դու մի գործ ես սկսել, որից ոչ մի օգուտ չի լինի․ ոսկին լուսին չի դառնա, ոչ էլ արծաթից արև կստացվի»։

Դարբինը համառեց, քափ ու քրտնքի մեջ մտած աշխատեց՝ կոփեց֊սարքեց լուսին ու արև։ Տարավ լուսինը դրեց սոճու ամենաբարձր կատարին, արևն էլ եղևնու սաղարթին։

Բայց ոչ լուսինը փայլեց, ոչ էլ արևը լույս տվեց։

Ծերուկ Վեյնեմեյնենն ասաց․

«Պետք է հմայություն անել և իմանալ, թե որտեղ է թաքցնված արեգակը, ո՞ւր է անհայտացել լուսինը»։

Ծերուկ իմաստուն Վեյնեմեյնենը լաստենուց տաշեղներ պոկեց, իրար ետևից դարսեց, ապա խառնեց իրար, կրկին դասավորեց և այսպես խոսեց․

«Բարձրյալից խնդրում եմ, թող մի նշանով ինձ ցույց տա, թե որտե՞ղ է թաքնված արեգակը, ո՞ւր է անհայտացել մեր լուսինը։ Ո՛հ, տեր, մի ստույգ նշանով ցույց տուր ինձ, հայտնիր գաղտնիքը»։

Եվ ահա՛ ստույգ նշաններ երևացին տաշեղների վրա․ իմաստուն ծերունին իմացավ, որ արևն ու լուսինը ամուր փականքի տակ պահվում են Պոխյոլայի քարանձավում։ Նա անմիջապես ճամփա ընկավ դեպի մշուշապատ Պոխյոլա։ Գնաց մեկ օր, երկու օր, վերջապես երրորդ օրը հասավ այն մռայլ Պոխյոլան։ Երևացին քար֊ապառաժներ․ բայց դիմացը մեծ֊լայնահուն գետն էր․ երգասացը ձայն տվեց․

«Ինձ մի նավակ տվեք, որ ես գետն անցնեմ»։

Բայց ոչ ոք չլսեց ծերունուն։ Այն ժամանակ նա իրար վրա հավաքեց ծղոտներ ու փայտի կտորտանքներ և այն կայծով, որ ընկել էր երկնքից, խարույկ սարքեց։ Բոցը բորբոքվեց և ծուխը ցրվեց ամեն կողմ։

Պոխյոլայի տիրուհին նկատեց այդ և ասաց․

«Այդ ի՞նչ բոց է գետի ափին․ թե պատերազմի են եկել, այդ խարույկը փոքր է, թե ձկնորսներն են կրակ արել՝ շատ է»։

Պոխյոլացի մի տղա նայեց խարույկի կողմը և ասաց․

«Գետից այն կողմը ես տեսնում եմ մի զորեղ դյուցազն»։

Ձայն տվեց Վեյնեմեյնենը․

«Ով դու Պոխյոլայի զավակ, ինձ մի նավակ հասցրու»։

Տղան պատասխանեց․

«Այստեղ ազատ նավակ չկա․ մատներդ թիեր դարձրու, ձեռքերդ ղեկ և գետն անցիր»։

Վեյնեմեյնենն ինքն իր խոսեց․

«Տղամարդ չէ նա, ով իր բռնած ճամփից ետ է դառնում»։

Եվ ձկան կերպարանք առնելով գետը մտավ ու լողալով հասավ մյուս ափը։

Պոխյոլայի անպիտան երեխաները նրա դեմը ելան և ասին․

«Արի, մեր խրճիթը մտիր»։

Ծերունին խրճիթը մտավ և ի՜նչ տեսնի․ զինված մարդիկ՝ որը թուրը մեջքին, որը տապարը գոտիկից կախած նստել մեղր են խմում և մտքիններն այն է, որ Վեյնեմեյնենին, Կալեվալայի հերոս Սուվանտոլյանենին սպանեն։ Նրանք այսպիսի հարց տվին եկվորին․

«Քո ասածն ի՞նչ է, ով երգասաց, ասելիքդ ասա՛, լսե՛նք, ով դու հերոս֊լողորդ»։

Ծերուկը պատասխանեց․

«Ինչ որ ասելու եմ, արևի և լուսնի մասին պիտի ասեմ․ ես երկնային լուսատուների մասին ձեզ շատ հրաշքներ կպատմեմ, միայն թե ասեք, որտե՞ղ է թաքնված արեգակը, ո՞ւր է անհայտացել մեր լուսինը»։

Երեխաներն շտապեցին պատասխանել․

«Արևն ու լուսինը ժեռ ապառաժների մեջ են, երկաթով հարուստ լեռների խորքում, բայց այնտեղից նրանք չեն կարող դուրս գալ, եթե Պոխյոլայի տիրուհին թույլ չտա»։

Վեյնեմեյնենը դիմեց զինված պոխյոլացիներին․

«Եթե դուք լուսինը չեք ազատի քարանձավից, եթե արևը չեք ազատի երկաթապատ ժայռերի միջից, ապա պատասխան տվեք իմ ահեղ թրին»

Ասաց և սուրը քաշեց, այն երկսայր սուրը, որ կոփել էր Իլմարինենը, որի վրա այսպիսի զարդեր կային՝ մեջտեղը արև, մի կողմը լուսին, մյուս կողմից աստղեր, ներքևի մասում վրնջացող ձի էր, վերևում մլավող կատու և հաչող շուն։

Լոուխիի մարդիկ ևս թրերը քաշեցին․ նախ չափեցին, թե ում սուրն է երկար։ Վեյնեմեյնենի թուրը մի ծղնոտի չափ երկար էր։

Եվ ահա՛ բոլորը դաշտ ելան․ Դյուցազն Վեյնեմեյնենը թունդ կռվի բռնվեց Պոխյոլայի ավազակների դեմ։ Մեկ զարկեց, երկու զարկեց, շատերի գլուխը թռցրեց այնպես, ինչպես շաղգամի գլուխը կամ հասկն են թռցնում մեկ հարվածով։ Եվ այսպիսով նա ջադու Լոուխիի մարդկանց ցիր ու ցան արավ։

Այնուհետև դյուցազնը գնաց հասավ երկաթով լեցուն ժայռերին, վերջապես գտավ անձավը, ուր ջադուն թաքցրել էր արևն ու լուսինը։ Թուրը քաշեց, խփեց դռներին, բայց դռները շատ ամուր էին փակված․ ոչ դուռը, ոչ էլ հարյուր սողնակը, որոնք պահում էին դռները, տեղից չշարժվեցին․ մեկ էլ խփեց, հազիվ մի փոքր ճեղք բացվեց։ Ճեղքից ներս նայեց և տեսավ, որ թունավոր օձեր են այնտեղ վխտում․ նորից փորձեց բացել, բայց անհնար էր առանց տապարի և լինգերի։

Ծերուկն անմիջապես տուն վերադարձավ․ շատ տխուր էր, գլուխը կախ, որ չկարողացավ անձավից հանել արևն ու լուսինը։

Լեմմինկայնենը տեսավ երգչին և երբ ամեն ինչ իմացավ, ասաց․

«Ով դու ծերուկ Վեյնեմեյնեն, ինչո՞ւ ինձ հետդ չտարար․ ես կջարդեի բոլոր դռները, երկու մաս կանեի բոլոր սողնակները, թաքստոցից կազատեի արևն ու լուսինը»։

Վեյնեմեյնենն ասաց․

«Խոսքով ոչ դուռ կջարդես, ոչ սողնակ կփշրես․ բռունցքներն էլ քիչ են այդ գործի համար»։

Ծերուկը գնաց դարբնոց և այսպես խոսեց․

«Ճարտար դարբին Իլմարինեն, սարքիր ինձ համար մի զորեղ եռաժանի, կոփիր լինգեր, ամուր շղթաներ և բանալիներ ամեն տեսակ, որ գնամ բերեմ արևն ու լուսինը»։

Դարբինն սկսեց կոփել ինչ որ պատվիրեց իմաստուն ծերուկը․ տասը հատ եռաժանի, մի կապոց բանալիներ և մեկ դյուժին լինգեր։

Ջադու Լոուխին, Պոխյոլայի ատամնաթափ տիրուհին, մեջքին և ազդրերին թևեր կպցրեց ու թռավ հասավ Կալեվալա։ Ուզում էր իմանալ ի՛նչ են անում այնտեղ։

Այդ պահին դարբինը լուսամուտից դուրս նայեց և թվաց, թե փոթորիկ է բարձրացել, բայց մեկ էլ նայեց տեսավ՝ չէ՛, գորշ անգղն է մոտենում դարբնոցին․ հարցրեց․

«Այ թռչուն, ի՞նչ գործ ունես այստեղ, ինչո՞ւ ես նստել իմ դարբնոցի լուսամուտին»։

Թռչունի կերպարանք առած ջադուն այսպես պատասխանեց․

«Ով դարբին Իլմարինեն, իրոք, որ դու շատ ճարտար և հմուտ վարպետ ես»։

Դարբինը պատասխանեց․

«Ինչ կա զարմանալու․ ես որ Սամպոն կառուցեցի, ես որ արև ու լուսին կոփեցի, ուրեմն հմուտ դարբին եմ»։

Եվ այն գորշ թռչունի կերպարանք առած պառավն հարցրեց․

«Բայց ասա, ի՞նչ ես հիմա սարքում, գուցե թե մի նոր զենք ես հնարում»։

Իլմարինենը պատասխանեց․

«Ես ամուր վզկապ եմ կոփում Պոխյոլայի նենգ տիրուհու համար։ Ժայռի կողին պիտի գամել այդ ջադուն»։

Պոխյոլայի տիրուհին հասկացավ, որ մեծ աղետ է գալու իր գլխին, սարսափած վերադարձավ իր երկիրը։

Լուսինը հանեց ժայռի խորքից, արևն հանեց բանտ քարայրից։

Ջադուն այս անգամ աղավնու կերպարանք առավ, թռավ հասավ Իլմարինենի դարբնոցին և նստեց դռան առաջ։ Դարբինն հարցրեց․

«Այ աղավնյակ, դու ինչո՞ւ ես եկել իմ տան շեմը»։

Աղավնու կերպարանք առած ջադուն պատասխանեց․

«Ես քո տան շեմն եմ եկել, որ ուրախ լուր հաղորդեմ․

Լուսինն է ելել ժայռի խորքից, արևն է ելել բանտ֊քարայրից»։

Այնժամ Իլմարինենը իր դարբնոցի շեմն ելավ, որ տեսնի թե ինչ է կատարվել։ Ելավ և աչքերն հառեց երկնքին։ Եվ ի՞նչ տեսնի․ նորից լուսինն է այնտեղ փայլում, նորից արևն է շողեր արձակում։

Եվ նա գնաց ծեր երգչի մոտ և այսպես խոսեց․

«Ո՛վ դու հավերժական երգասաց ծերուկ Վեյնեմեյնեն․ դուրս եկ ու աչքերդ հառիր երկնքին։ Լուսնյակն էլ, արևն էլ նորից երկնքումն են, իրենց սովորական տեղում»։

Վեյնեմեյնենը երկնքում նորից վերահաստատված տեսնելով արևն ու լուսինը երգում է․

«Բսրև՜, բարև՜ արծաթ լուսին, նորից տեսանք դեմքդ չքնաղ։
Բարև՜, բարև՜, ոսկե արև, նորից ծագում ես շողալով։
Ելար լուսին քո բանտ ժայռից, ելար արև մութ քարայրից․
Ինչպես կկուն ոսկեփետուր, աղավնու պես,
― արծաթազօծ։
Այժմ նորից ձեր տեղումն եք, մտաք նորից ձեր հին ճամփան։

Այս օրվանից հուր֊հավիտյան, ծագիր արև առավոտ վաղ,
Երջանկացրու օրն ամենայն, որ աճի մեր ունեցվածքը,
Որ տեր լինենք մեր որսերին, ձուկը մոտ գա մեր կարթերին։
Անցիր բարով դու քո ճամփան, ծագեիծագ փառավորվիր,
Երթդ ավարտիր սքանչելի, և քուն մտիր գիշերն հանգիստ»։

Կալեվալան, Վեյնեմեյնենի հայրենիքը, ամբողջ ժողովուդը ցնծագին երգեր երգեց իր հաղթության համար, իր դյուցազունների փառքը փառաբանեց ծագեիծագ։

Ռունա Ծ

Մարյատտան ծնում է արու զավակ։ Ծերուկ Վեյնեմեյնենը մկրտում է մանկանը իբրև Կարելիայի ապագա թագավոր։ Վեյնեմեյնենը զայրացած հեռանում֊հասնում է այնտեղ, ուր երկինքն ու երկիրը միանում են իրար և կանխագուշակում է, թե ինքը հետագայում էլ պետք կգա իր ժողովրդին, որ նոր Սամպո կառուցի, նոր Կաանտելե սարքի և լույս տա իր հայրենիքին

Անդադրում թավալվում էր ժամանակի մշտահոլով անիվը։

Կալեվալայում աշխարհ եկավ այն չքնաղ աղջիկը՝ Մարյոտտան։ Ապրեց ու մեծացավ նա իր հարուստ հոր տանը, սիրող մոր գորովալից շնչի տակ։ Նա գեղեցիկ մատանիներ ուներ մատներին, սիրունիկ ապարանջաններ իր փափլիկ բազուկներին։ Հագնում էր զգեստներ ամենանուրբ հյուսվածքներից և գեղեցիկ զարդերը փայլփլում էին նրա կուսական կրծքին․ հագնում էր գեղեցիկ կոշիկներ և անուշիկ դստրիկը հորական տան շեմքից չէր հեռանում։

Գեղեցկուհի Մարյոտտան շատ համեստ ու ամոթխած էր․ ուտում էր համեղ ձկներ և արմատապտուղներ․ երբեք ձու չէր ուտում, որովհետև հավին ընկերություն էր անում աքլորը․ ոչխարի միս չէր ուտում, որովհետև ոչխարին ընկերություն էր անում ղոչը։

Մայրը ցանկանում էր նրան ուղարկել կաթ կթելու, աղջիկը չէր ուզում, ասում էր․

«Ես այնպիսի աղջիկ չեմ, որ կովի պտուկները բռնեմ, չէ՞ որ դրանց հետ խաղ է արել ցուլը»։

Հայրը ուզում է, որ տեղ գնալիս աղջիկը հովատակին նստի, աղջիկը չի ցանկանում։ Եղբայրը բերում է զամբիկ, աղջիկը դարձյալ չի ցանկանում, ասում է․

«Զամբիկն ընկերություն է արել հովատակի հետ․ բերեք մեկ ամսական անմեղ հովատակ»։

Չքնաղ Մարյատտան ապրում էր իբրև մաքուր կույս֊աղջիկ։ Հայրը նրան գործի դրեց․ իրենց գառնուկներն էր նա տանում արոտները, խնամում։ Դաշտում լսում էր կկուների երգը, ոսկեղենիկ թռչունների ճռվողյունը։

Մի օր էլ դաշտ գնալիս մտավ մի պուրակ, ուր առատ պտուղներ կային։ Կկուները կրկին սկսեցին ճռվողել։ Աղջիկն հարցմունք արավ․

«Իմ անուշիկ կկու, երգի՛ր, շատ հաճելի է լսել քո ձայնը, բայց ասա, ես դեռ շա՞տ ժամանակ պիտի ասյպես ազապ մնամ և դաշտերում ու անտառներում գառներ արածացնեմ։ Ինչքա՞ն պիտի սպասեմ, որ ամուսնանամ։ Մե՞կ, թե երկո՞ւ տարի, հի՞նգ, թե՞ վեց տարի․ գուցե տաս տարի՞ սպասեմ, կամ էլ թե չէ, թերևս, երկար սպասելու կարիք չլինի»։

Բայց կկուն շարունակում էր երգել և աղջիկը պատասխան չստացավ։

Յոթ օր էր արդեն ինչ գեղեցկուհին գառնարած էր դարձել։ Հեշտ չէր նրա համար գառնարածությունը։ Լորտուներ են սողում դաշտերում, մողեսներ են վխտում չորս կողմ։

Մի օր նա հասավ մի բլուրի․ այնտեղ ոչ օձեր կային, ոչ էլ մողեսներ․ բլուրի վրա աճել, հասունացել էր հապալասի սիրունիկ պտուղը։ Պտուղն ասաց աղջկան․

«Ով դու չքնաղ, ոսկյա քամարով կույս աղջիկ, պոկիր ինձ, թե չէ ինձ որդը կուտի։ Այստեղից հազարից ավելի կին ու աղջիկ են անցել, բայց ոչ ոք ինձ ձեռք չի տվել»։

Աղջիկը մոտեցավ բլուրին․ շիվով ցած գցեց պտուղը․ պտուղն ընկավ նրա կոշիկին․ այնտեղից թռավ նրա մաքուր ծնկանը, մաքուր ծնկից թռավ զգեստի փեշին, այնտեղից էլ հասավ քամարին, հետո կրծքին, կրծքից էլ թռավ դնչին, այնտեղից էլ ուղղակի շրթունքներին, հետո լեզվի վրա և կուլ գնաց։

Եվ այն չքնաղ կույս Մարյատտան այդ պտուղից հղիացավ։

Անցան օրեր․ խեղճ աղջիկն այլևս առանց քամարի էր ման գալիս, թաքուն բաղնիք էր գնում, հարազատների աչքին չէր ուզում երևալ։

Մայրն ինքն իրեն այսպես էր խոսում․

«Ի՞նչ է պատահել իմ սիրունիկ Մարյատտային, ինչո՞ւ է առանց քամարի ման գալիս․ ինչո՞ւ է գաղտնի բաղնիք գնում, թաքնվում տնեցիներից»։

Մայրը դեռ չգիտեր պատճառը։

Անցան ամիսներ․ լրացավ իննը, մտավ տասներորդը և աղջիկը կողերում ցավեր զգաց, սկսեց շատ խիստ տանջվել․ դիմեց մորը․

«Իմ թանկագին մայր, բաղնիքը տաքացրու, թող որ գամ այնտեղ տաքանամ, որ ազատվեմ ինձ տանջող ցավերից»։

Մայրը բարկացավ և ասաց․

«Կորի՛ր աչքիցս, անամոթ աղջիկ, պատասխան տո՛ւր ինձ, ո՞ւմ հետ ես սիրաբանել․ ամուրի էր նա, թե ամուսնացած մի կտրիճ»։

Աղջիկը, այն չքնաղ գեղեցկուհին պատասխանեց․

«Ես ոչ ամուրիի հետ եմ սիրաբանել, ոչ էլ ամուսնացած մարդու հետ եմ հանդիպել․ ես գնացի դաշտը, ուզեցի հապալասի պտուղ պոկել․ պտուղը դրի բերանս, կարծես թե սովորական պտուղ էր, բայց երբ կուլ տվի, տեսա, որ հղիացել եմ»։

Մայրը չհավատաց։ Աղջիկը գնաց հոր մոտ, ասաց․

«Իմ սիրելի հայրիկ, ինձ մի տաք տեղ տուր որ մի քիչ հանգստանամ, որ ազատվեմ ինձ տանջող ցավերից»։

Հայրն այսպես խոսեց․

«Հեռացի՛ր աչքիցս, ով դու անառակ աղջիկ, գնա մտիր արջի որջը, գնա այնտեղ ծնիր, այնտեղ էլ մահդ գտիր»։

Այն չքնաղ աղջիկն իմաստուն խոսքերով պատասխանեց հորը․

«Ես բնավ էլ անառակ չեմ, և երբե՛ք էլ չեմ դառնա արհամարհելի։ Ես մեծ և ազնվաբարո հերոս կծնեմ, այնպիսի հերոս, որ իր ուժով կգերազանցի ծերուկ֊երգասաց Վեյենեմեյնենին»։

Խեղճ աղջիկն էլի թափառեց, որ մի տաք անկյուն գտնի․ վերջը հանդիպեց այն փոքրիկ բարեծնունդ աղջկան, որի անունն էր Պիլտտի։

«Ով դու փոքրիկ Պիլտտի, դու ամենից ազնիվը աղախինների մեջ, գնա գյուղը և Սառա գետի մոտ ապրողներից մեկին խնդրիր, որ ինձ տաք տեղ տա, որ ես ազատվեմ ինձ տանջող ցավերից»։

Պիլտտին հարցրեց․

«Բայց ո՞ւմ պիտի խնդրեմ, ո՞վ կարող է քեզ օգնության հասնել»։

Մարյատտան այն բարի աղջկանն ասաց․

«Այնտեղ ուր Սառա գետը թեքվում է, այնտեղ է ապրում Ռուօտուսը․ հենց նրա տունն էլ գնա և խնդրիր, որ ինձ իր տունն ընդունի»։

Բարի աղջկան շատ խնդրելու կարիք չկար․ անմիջապես շորերի փեշերն հավաքեց և ինչպես գոլորշի թռավ֊հասավ Սառա գետի ափին գտնվող խրճիթը, Ռոուօտոսի տունը։

Տանտերը, վուշից գործած շապիկը հագին, նստած էր սեղանի մոտ և ախորժակով ուտում֊խմում էր․ նա հպարտ և անբարտավան տոնով հարցրեց․

«Հե՜յ, անպիտան աղջիկ, այս որտեղի՞ց լույս ընկար․ ի՞նչ ունես ասելու»։

Փոքրիկ Պիլտտին պատասխանեց․

«Ես եկել եմ խնդրելու, որ բաղնիքը տաքացնեք և մի խեղճ աղջկա օգնեք, որ նա ազատվի ցավերից»։

Այստեղ լնգլնգալեն վրա հասավ տանտիրոջ կինը և սկսեց հարց ու փորձ անել․

«Այ աղջիկ, ո՞ւմ համար ես ուզում բաղնիքը տաքացնենք, ո՞ւմ պիտի օգնենք»։

Պիլտտին պատասխանեց․

«Ես շատ եմ խնդրում, օգնեք Մարյատտային, որ նա ազատվի տանջող ցավերից»։

Ռուօտուսի կինը պատասխանեց․

«Ես անառակ աղջկա համար բաղնիք չունեմ․ թող կորչի գնա նոճիների անտառը․ այնտեղ մի գոմ կա, գոմում էլ ձի է կապած․ անառակի տեղն այնտեղ է․ ձին իր բերնի գոլորշիով տաքացնում է գոմը․ թող այդ աղջիկը գնա և լողանա այդ գոլորշու մեջ»։

Պիլտտին, ինքան ուժ կար ոտքերում, վազեց հասավ Մարյատտային ու ասաց․

«Ռուօտուսի կինը չի ուզում քեզ համար բաղնիք տաքացնել․ չար պառավն ասաց, թող այդ անառակ աղջիկը անտառ գնա, այնտեղ այրուտում մի գոմ կա, գոմում էլ մի ձի է կապած․․․ ձին իր գոլորշիով տաքացնում է գոմը, թող Մարյատտան գնա մտնի գոմը և լողանա ձիու բերանից բաց թողած գոլորշու մեջ»։

Մայրատտան այս որ լսեց, դառն լացեց և ասաց․

«Ա՜յ, հիմա ես գլուխս պիտի առնեմ և ինչպես մի վարձու աշխատող, ինչպես մի ստրկուհի մարդկանցից հեռու փախչեմ, գնամ անտառը, գուցե թե ցավերիցս ազատվեմ»։

Աղջիկը զգեստի փեշերը հավաքեց և, սաստկացող երկունքի ցավերից տանջվելով, գնաց անտառը, հասավ մի բլուրի և այսպես աղոթեց․

«Ով դու բարեգութ երկնավոր, օգնի՛ր ինձ, թշվառիս, որ ազատվեմ այս տանջանքներից, օգնի՛ր, որ այս ցավերից չմեռնեմ»։

Եվ մտավ գոմը․ տեսավ մի ձի է կապված այնտեղ․ աղջիկը խոսեց․

«Ով դու իմ սիրելի ձի, խորը շնչիր և արտաշնչիր, որպեսզի տաք գոլորշի բարձրանա, ինչպես լինում է բաղնիքում, տաքացրու ինձ, որ ես ազատվեմ իմ ցավերից, որ վերջապես հանգստանամ»։

Եվ այն բարի ձին տաք գոլորշի փչեց աղջկա վրա․ ու գոմն այնպես տաքացավ, ինչպես բաղնիքն է տաքանում, երբ ջուրը եռում է։

Մարյատտան, այդ ամոթխած աղջիկը բարեհաջող ծնունդ ունեցավ և նորածին արու զավակին դրեց ձիու մսուրի մեջ՝ խոտերի վրա։

Հետո տղային լվաց, մաքրեց, բարուրեց ու սկսեց խնամել․ ծիծ տվեց անուշիկ թռչնակին, ապա թևերին առած օրորեց։ Քիչ անց երեխան դրեց ծնկերին, իր զգեստով ծածկեց ու սկսեց գլուխը շոյել։

Եվ հանկարծ հրաշք կատարվեց․ տղան չքացավ մոր գրկից։

Մայրատտան շատ տխրեց ու սկսեց փնտրել տղային։

Փնտրեց իր անուշիկ թռչնակին ամեն տեղ՝ ծառերի թավուտներում, թփերի մեջ, լեռներում, ժայռերի ծերպերում, բայց ոչ մի տեղ չգտավ։

Ուզեց ավելի հեռու գնալ, ուրիշ երկրներում փնտրել տղային։

Խոր գիշերն մի աստղ փայլեց երկնքում․ աղջիկը նախ խոնարհ գլուխ տվեց, ապա հարցմունք արավ․

«Ով աստղիկ, աստծու ձեռքով ստեղծված, գիտե՞ս արդյոք, որտե՞ղ է հիմա իմ մանկիկը»։

Աստղը պատասխանեց․

«Եթե իմանայի էլ, չէի ասի․ այդ քո տղան է արել, որ ես հավերժական ցրտում ու խավարի մեջ առկայծում եմ»։

Աղջիկն առաջ գնաց, հանդիպեց լուսնին․ գլուխը խոնարհեց և հարցմունք արավ․

«Ով լուսին․ աստծու ձեռքով ստեղծված, որտե՞ղ է իմ մանկիկը, ի՞նչ է պատահել նրան»։

Լուսինը պատասխանեց․

«Եթե իմանայի էլ չէի ասի․ այդ քո տղան է արել, որ ես ցուրտ գիշերներին հսկողություն անեմ, իսկ ցերեկները քնեմ»։

Աղջիկն առաջ գնաց, հանդիպեց արևին․ կրկին գլուխը խոնարհեց ու հարցրեց․

«Ով պայծառ արև, աստծու կամքով ստեղծված, գիտե՞ս արդյոք, որտեղ է հիմա իմ անուշիկ մանկիկը, ի՞նչ է պատահել նրան»։

Բարի, իմաստուն արևը պատասխանեց․

«Գիտեմ որտեղ է քո տղան, ով չքնաղ աղջիկ․ այդ քո տղան է տնօրինել, որ ե՛ս, պայծառ ցերեկին, ոսկու նման շողշողալով, արծաթի նման փայլփլելով երկրի վրա պտույտ գամ։ Այո՛, գիտեմ որտեղ է քո անուշիկ մանկիկը, նա մինչև գոտկատեղը խրվել է ճահճուտների մեջ»։

Մարյատտան գնաց փնտրեց, գտավ տղային, հանեց ճահճուտից, բերեց տուն և սկսեց խնամել։ Տղան օրեցօր մեծանում էր։ Սիրունիկ աշխույժ տղային ի՞նչ անուն դնել․ Մարյատտան դեռ չէր որոշել․ ինքը կանչում էր Ծաղիկ, ուրիշները՝ Անբան։

Ուզեցին տղային կնքել․ կանչեցին Վիրոկաննասին․ նա ասաց․

«Խեղճ տղան կախարդված է․ ես նրան չեմ կնքի, մինչև տղային չքննեն, չստուգեն, թե նա ինչպե՞ս է լույս աշխարհ եկել»։

Իսկ ո՞վ կարող է քննել տղային․ ո՞վ կարող է իմանալ, թե ամեն մեկն ինչպե՞ս է լույս աշխարհ գալիս․ միայն ինքը՝ իմաստուն Վեյնեմեյնենը։

Եկավ ծերունի երգիչը, նայեց֊զննեց տղային և երբ ամեն ինչ իմացավ, ասաց․

«Քանի որ տղան գտնվել է ճահճում և հապալասի պտուղից է աշխարհ եկել, ապա նրան պետք է թողնել դաշտում, ուր շատ պտուղներ կան, կամ էլ թե չէ տանել ճահիճը և մահակով գլուխը ջարդել»։

Հրաշքով լեզու առավ և այսպես խոսեց երկու շաբաթը դեռ չլրացած այն երեխան․

«Ով դու խենթավուն ծերուկ, հիմար է քո դատավճիռը․ օրենքներին սխալ մեկնություն տվիր։ Կար ժամանակ, երբ դու քո մոր որդիներին զոհեցիր, որ քո կյանքը փրկես, բայց քեզ ճահիճ չտարան և գլուխդ չջարդեցին։ Իսկ ջահել օրերիդ, թե ինչ եղավ, մոռացե՞լ ես։ Քո պատճառով այն դեռահաս աղջիկը, չքնաղ Այնոն սուզվեց ու խեղդվեց ծովի մռայլ ալիքներում և դարձյալ քեզ ոչ ոք չպատժեց»։

Լսեց այս ամենը ծերունի Վիրոկաննասը, երեխային մկրտեց և որհնեց․

«Դու Կարելիայի թագավոր կդառնաս, կիշխես ամբողջ երկրին»։

Բարկացավ Վեյնեմեյնենը, գնաց ծովափ և վերջին անգամ այնտեղ բարձրաձայն ու սրտալի երգեց։ Ապա նստեց նավակն ու հրաժեշտի այսպիսի խոսքեր ասաց․

«Կանցնի այս ժամանակը, կանցնեն օրեր, կբացվեն նոր ծագեր, բայց էլի իմ կարիքը կզգաք։ Կսպասեք, կփնտրեք ինձ, որ ես ձեզ համար նոր հրաշք֊ինքնաղաց Սամպո կառուցեմ, նոր բազմալար Կանտելե սարքեմ, որ նորից լուսինը երկինք հանեմ, արևին ազատություն տամ։ Չէ՞ որ առանց լուսնի և արևի այս աշխարհում երջանկությունը կչքանա»։

Եվ շնչշնկում է առագաստը ու նավը հավերժական երգչին տանում է հեռու և հեռու։

Ահա՛, վերջապես նա հասնում է այնտեղ, ուր միանուն են երկիրն ու երկինքը։

Վեյնեմեյնենը հայրենիքին կտակեց Կանտելեն և իր երգրերը։

Ավանդեց, որ Կալեվալայի դյուցազունների սխրագործությունները սերնդե֊սերունդ պատմեն։

Պատգամեց, որ հայրենի հերոսների հիշատակը միշտ անթառամ երգերով հավերժացնեն։

❊ ❊ ❊

Լրացավ և իմ՝ երգչիս ժամանակը։ Այստեղ ընդհատում եմ երգս։
Նույնիսկ ձին պետք է հանգստանա, եթե շատ ճամփա է անցել։
Երկաթն անգամ կթուլանա, եթե ամռանը շատ խոտ է հնձել։
Ջրեն անգամ կսպառվեն, եթե անընդհատ հոսում են։
Խարույկը նույնիսկ կհանգչի, եթե ամբողջ գիշերը բոցավառվել է։

Այապես էլ երգիչը կարող է հոգնել, եթե երգել է առավոտից մինչև երեկո, երեկոյից մինչև առավոտ։

Ես հաճախ լսել եմ այսպիսի խոսքեր․

«Ջրվեժն անգամ իր ահեղ թափի մեջ չի կարող բոլոր ջրերը թափել ― սպառել․ ճիշտ այդպես էլ երգիչը չի կարող իր իմացած բոլոր երգերը միանգամից երգել․ ավելի լավ է ընդհատել և հանգստանալ»։

Ես ահա՛, ավարտում եմ երգս, բայց բոլոր այդ երգերն ինչպես կծիկ փաթաթում եմ և պահ եմ տալիս մեր հայրենի երգերի գանձարանին։

Ինչ կլիներ, եթե ես անընդհատ երգեի, երգեի անտառներում և դաշտերում ամեն, ամեն տեղ երգեի։ Չէ՞ որ մայրս արդեն վախճանվել է և նա չի լսում իր զավակի երգը․ ի՞նչ է, միայն սոսիների և նոճիների համա՞ր երգեմ։

Դեռ փոքր հասակում ես մոլորվեցի անտառում և ինչպես արտույտ երգում էի ամեն թփի տակ, ամեն պուրակում։ Հետո խորթ մոր ձեռ ընկա․ նա ինձ բանացրեց, վերջն ինձ քշեց Հյուսիսի այն ցուրտ աշխարհը, որ ես սառնամանիքներում ոչնչանամ։

Ես անքուն թռչունի պես շատ տեղեր թափառեցի, հանդիպեցի թե ահեղ փոթորիկների, թե սառնամանիքների, հաճախ էի իմ սև օրն անցկացնում լացով ու ողբով։

Հիմա պատահում է, այնպիսի մարդկանց եմ հանդիպում, որոնք ինձ կշտամբում են, իրենց անմիտ գոռոցներով խլացնում են իմ ձայնը․ չարախոսում են, թե ես լավ չեմ երգում, իմ երգերը ոչ մեկին պետք չեն։

Բայց բարի մարդիկ, դուք շատ խիստ մի լինեք, տարօրինակ մի համարեք, որ ես անվարժ եմ երգում, ինչպես մանկիկը։ Չէ՞ որ ես ոչ մի տեղ չեմ սովորել, խելոք մարդկանց մոտ չեմ ուսուցանել։ Ուրիշի խոսքերով չէ, որ երգում եմ, ոչ էլ օտարներից եմ փոխ առել իմ երգերը։

Ուրիշները գնացել, սովորել են, իսկ ես չէի կարող թողնել իմ հարազատ մորը, իմ հայրական օջախը։ Ինչ որ սովորել եմ, միայն մեր տանն եմ սովորել։ Երբ մայրս ճախարակն էր մանում՝ ճախարակի երգն էի լսում, երբ եղբայրս ռանդան կամ կացինն էր բանեցնում՝ կանցնի զրնգոցն էի լսում։

Լավ եմ երգել թե, վատ, ներողամիտ եղեք․ միայն գիտեմ, որ իմ երգերով ես գալիքի երգիչներին նվիրական ավանդ եմ թողել։ Ես էի, որ անտառի թավուտներում արահետ բացեցի և դեպի ապագան ճանապարհ ցույց տվի։ Նրանք, ովքեր սիրում են երգը, ավելի լավ երգեր կերգեն։ Գալիք սերունդը, ծաղկող֊փթթող երիտասարդները բացված արահետով առաջ կընթանան և հայրենի աշխարհի վեհությունը կհավերժացնեն նոր երգերով։

  1. Օսմոյնեն, Կալեվայնեն, Ուվանտոլայնեն, Սուվանտոլայնեն, ― երգասաց Վեյնեմեյնենի տարբեր անուններն են։