«Ճաքած լռություն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
(9 intermediate revisions by 2 users not shown)
Տող 2. Տող 2.
 
|վերնագիր = Ճաքած լռություն
 
|վերնագիր = Ճաքած լռություն
 
|հեղինակ = [[Արիս Արսենի]]
 
|հեղինակ = [[Արիս Արսենի]]
|աղբյուր = [[Ճաքած լռություն, Ստեփանակերտ, 1993, 48 էջ]]
+
|աղբյուր = [[«Ճաքած լռություն»]]
 
|թարգմանիչ =  
 
|թարգմանիչ =  
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Չափածո]]
 
[[Կատեգորիա:Չափածո]]
[[Կատեգորիա:Արիս Արսենի]]
 
 
[[Կատեգորիա:Գրքեր]]
 
[[Կատեգորիա:Գրքեր]]
[[Կատեգորիա:Հեղինակեր]]
+
<div style="text-align: right;"><i><b>Ստեփանակերտ, 1993, 48 էջ</b></i></div>
 
+
<div style="text-align: right;"><i><b>2017, հունվար</b></i></div>
+
 
+
  
  
 +
[[Պատկեր:CHAQATS LRUTYUN.jpg|thumb|աջից|Գրքի կազմը]]
  
 
=ԱՐՑԱԽԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ=
 
=ԱՐՑԱԽԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ=

Ընթացիկ տարբերակը 03:36, 27 Մարտի 2017-ի դրությամբ

Ճաքած լռություն

հեղինակ՝ Արիս Արսենի
աղբյուր՝ «Ճաքած լռություն»

Ստեփանակերտ, 1993, 48 էջ


Գրքի կազմը

ԱՐՑԱԽԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ

(Էքսպրոմտ)

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝
Նստել, նայում եմ ծնվող աշխարհին։

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝
Նստել, նայում եմ ապրող աշխարհին։

Մեր տան պատի տակ, մեջքս ժեռ քարին՝
Նստել, նայում եմ... անցնող աշխարհին։

01.06.88, Բաքու-Կազան (գնացքում)


ՏՈՒՆԸ

Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը,
Իմ առաջին ճիչը վաղո՜ւց չկա,
Բայց հիշո՛ւմ է տունը։ Ու ապրո՛ւմ է տունը
Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա։

Ու երբ ամեն անգամ ես այցի եմ գալիս,
Եվ լուռ լռում լռած դռան առաջ,
Տան պատերն ասես անուրջներ են լալիս...
Ու լսվում է միշտ մի անհո՜ւյս հառաչ։

Ծանրանում են մեկեն քայլերս՝ տուն եկած,
Ծնկներս լուռ ծալվում փլվում հողին,
Նկարս տան պատին ծանրությո՛ւն է անում,
Երբ ե՛ս պիտի պատին երկարվեի։

Ու կանգնել եմ շվար՝ հիմա ի՞նչ եմ, տանտե՞ր,
Հիմա դաղձն է ձգվում տանս պատին,
Տանս անքուն պատին ձգվում եղինջն անտեր,
Սպառնում է նույնիսկ... ժամանակի՛ն։

...Իմ առաջին ճիչը, որ լսել է տունը
Մեր այն հեռո՜ւ գյուղում ադամանդյա,
Հրդեհվել է տան հետ, ավերվել է, ավա՜ղ,
Ու էլ չկա՛ տունս, ճիչս չկա՜...

17-25.12.84, 17.12.93, Ստեփանակերտ


ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

...Եվ ինձ նախապես աչքեր պետք չէին՝
Իմ չունեցա՜ծը տեսնելու համար։

Երբ ես ծնվեցի՝ մերկ ամբողջովին,
Իմ մերկությունը
Ծածկելու համար ձեռքեր փնտրեցի
Առաջին ճիչիս արձագանքներում։
Իսկ երբ որ փնտրած-գտած ձեռքերս
Կարճ եղան մի քիչ,
Ու չծածկեցին մերկությունը իմ՝
Տխուր լաց եղա։
Եվ տխրությունս երազներ ծնեց,
Կարոտներ ծնեց մաքուր ու բարի,
Կարոտով լցված մի մեծ սիրտ ծնեց
Եվ իմ ուղեղում
Միտքս սկսեց կաթ-կաթ ծովանալ...
Եվ միտքս երկնեց...
Եվ ես զգացի, որ ինձնից առաջ,
Դարեր առաջ ու հազարամյակներ,
Իմ նախնիները
Ձեռքեր ունեին ծնկներին հասնող,
Իսկ իմ ձեռքերը այնքա՜ն էին կարճ,
Որ չէին ծածկում նույնիսկ... մերկություն...
Ու ես լաց եղա...

Այդքան ժամանակ ինձ աչք պետք չեղավ,
Բայց երբ առաջին քա՜յլս արեցի,
Ես նո՛ր զգացի, որ ինձ աչք է պետք՝
Առաջին քա՜յլս տեսնելու համար։
Եվ ես քայլեցի՛ դարերի միջով...
Իմ ճանապարհին
Վերելքներ եղան ու նեռ անկումներ,
Ինչքան բարձրացա՝ այնքան կորցրի,
Ինչքան կորցրի՝ այնքան երկնեցի,
Այնքան կերտեցի...
Ու մի այդքան էլ... նորի՛ց կորցրի։

...Ինձ աչքեր պետք չեն՝
Իմ կորցրա՜ծը տեսնելու համար։

09.05.83, Բաքու


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՆ

Թափո՛րն է քայլում նեղլիկ փողոցով
Ու քայլում եմ ես այդ թափորի մեջ՝
Հետևում թողած... դիակներ անթիվ։

...Ունկերիս մեջ դեռ զնգում է զիլ-զանգ
Կանչը գուժկանի.
- Հալիձորն ընկա՜վ... Հասի՜ր, Մխիթա՛ր...
- Հալիձորն ընկա՞վ...
- Չընկա՛վ։ Ծախեցի՜ն...

Թափո՛րն է քայլում լռած փողոցով,
Հետևում՝ ավե՛ր, մահ ու տարաժա՛մ։
Խարույկի միջից չեն լսվում ճիչեր։
Խարույկից առաջ՝
Ողջախոհության խորհուրդն է խորին.
- Մեզ ների՜ր, եթե կարող ես, խանո՛ւմ...
- Հասի՜ր, Մխիթա՛ր...

Լուռ է փողոցը,
Լռին քայլում է փողոցը հոգնած,
Գնում է հեռու,
Գնում է՝ հասնի Սաթենկան դատին։
- Հասի՜ր, Մխիթա՛ր...

- Դու մեզ զորավիգ չեղար, հա՞, Սո՛ւրբ Խաչ,-
Պատին է զարկվում թասը գազազած։
Թափո՛րն է քայլում
Տխո՜ւր ու հոգնա՛ծ...

Ողբա՛, Բարխուդա՛ր, դու քո բախտը սև՝
Դավաճան որդի սնելու համար,
Որդի, որ երբեք Գոհա՛ր չդառավ...
- Հալիձորն ընկա՜վ...

Թափո՛րն է քայլում...
- Թե Սյունիքն, Արցախն առնի օսմանլուն՝
Կտիրի և ողջ աշխարհին հայոց...
Կտիրի՜։ Բա ո՞նց...
- Հասի՜ր, Մխիթա՛ր...

...Մահվա՛ն թափորն է քայլում փողոցով։


ՆԱՄԱԿՆԵՐ ԻԶԱԲԵԼԼԱՅԻՆ

Ա

Դու ասում ես, որ անունդ Իզաբելլա է,
Դու ասում ես, որ ապրում ես Բեյրութում հեռու,
Դու ասում ես... Ու իմ դիմաց հառնում է կրկին
Չմոռացվող մի հի՜ն տեսիլք՝ մաշված շորերում։

Դու ասում ես... Ու ցնցվում է տեսիլքը մեկեն,
Հերոսական մի հի՜ն երկիր կանչում է ինձ տուն,
Չկայացած մի երազ է մարմրում իմ մեջ,
Ու ծուխն է ինձ խեղդում կրկին՝ կարոտներով զուր։

Դու ասում ես... Ու ելնում են տղաները ծուռ,
Ելնում են, որ հայ քարերը հայ մնան կրկին,
Ելնում են, որ վերակերտեն ավեր տունը մեր,
Որ մոռացվի՛ դանթեական առասպելն այն հին։

Սակայն կրկին արյան մեջ է Հայրենիքը մեր,
Կրկին մահվան մա՛ղձն է պատել անպարտ Արցախին,
(Դանթեական մղձավանջն է ահագնանում, Տե՛ր,
Տե՛ր, որտե՞ղ է մեր փրկության հնա՜րը վերջին)...

...Դո՛ւ ասացիր, ես չուզեցի վիշտդ բորբոքել,
Դո՛ւ ասացիր, Իզաբելլա, չուզեցի՛, ների՜ր...

23. 06. 91, Երևան

Բ

...Բայց հին երկիրը, Իզաբե՛լլա, քո՛ւյր,
Երևի դու չես մտաբերում,
Այսօր Բեյրո՛ւթն է քո... հայրենիքը
Ու դու Բեյրո՛ւթ ես շտապում, տո՛ւն։

Իսկ անդ՝ արյունով ներկված դաշտեր են,
Փուշ ու տատասկ է միայն աճում,
Մշո դաշտի մեջ, Սիփանի լանջին
Դեռ բորենին է վայրահաչում։

Դու մոռացել ես, սակայն քո պապը
Քանի ապրում էր, քանի դեռ կար,
Իր զույգ լծկանը, իր արտն ու կալը,
Իր տունն ու սարը ո՞նց մոռանար։

Հիշում էր... Ցավը նրան խեղդում էր,
Բայց վերջին պահին, հիշո՞ւմ ես դու,
Երկիր էր կանչում, չէր ուզում մեռնել
Այդտեղ, այդ օտար, խորթ Բեյրութում։

Մեռավ... Խաղաղվեց, մոռացվեց, գնաց,
Հիմա էլ ո՞վ է հինը հիշում...
Դո՞ւ... Ոչ։ Բեյրո՛ւթն է քո հայրենիքը,
Չէ՞ որ Բեյրութ ես շտապում դու...

01.07.91, Ստեփանակերտ

Գ

Քո՛ւյր իմ, Իզաբել, քո դաշնամուրը
Մեղմ նվագում է Բեթհովեն, Բախ,
Իսկ արցունքներդ հնչյունների հետ
Լուռ գլորվում են քեզնից անկախ։

Դու արտասվում ես և արցունքներդ
Հատ-հատ ընկնում են քո աչքերից,
Դու արտասվում ես և արցունքներիդ
Ցավն ու թախիծն են պարուրում ինձ։

Դու արտասվում ես և արցունքներդ
Հատ-հատ ընկնում են իմ մատներին,
Մատներս ցավից անհույս այրվում են,
Մատներս՝ ցավիդ անհույս գերին։

Դու արտասվում ես... Իսկ հին երկիրը
Մշուշ է թվում՝ հի՜ն ու անցա՛ծ,
Բայց անցած ցավը դեռ կրկնվում է,
Իզաբելլա՛, քո՛ւյր, խենթ ու տխրա՛ծ։

... Բայց տխուր դեմքին քո, Իզաբե՛լլա,
Արև ու լույս եմ ես նշմարում,
Եվ հավատում եմ, որ քո երազը
Չի թաղվի ո՛չ մի գերեզմանում։

15.08.91, Ստեփանակերտ


ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Ես ապրում եմ այսօր տառապանքի հևքով,
Տառապանքի հևքով, նաև՝ ցավի,
Սակայն դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդով,
Քարանձավի տենդով, քարանձավի՜։

Եվ իրենց իսկ կերտած քաղաքները մի օր
Հիմնահատակ գուցեև ավերեն,
Բայց և գուցե թողնեն քաղաքակիրթ մարդկանց,
Իրենք՝ անձավներում «տնավորվեն»։

Ու մոռանան լեզուն մարդկայինի, սիրո,
Ապրեն անձավային կյանքով վայրի...
... Ավա՜ղ, դեռ կան մարդիկ, որ ապրում են տենդով
Քարանձավի, այն հի՜ն քարանձավի։

1991, Ստեփանակերտ


ՇԻՐԱԶԱԿԱՆՉ

            Ղարաբաղը մորս կանչն է,
            Ինձ է կանչում հույսով տրտում...
                         Հովհ. ՇԻՐԱԶ

Ղարաբաղը մորդ կանչն էր՝
Մա՛յր երգեցիր շարունակ։

Երկրի ցավը հոգուդ ճիչն էր՝
Մա՛յր երգեցիր շարունակ։

Ավեր Անին քո թախիծն էր՝
Մա՛յր երգեցիր շարունակ։

Ծանր ցավ էր քեզ Արցախը՝
Մա՛յր երգեցիր շարունակ։

Ունկերիդ մեջ՝ «քելե, լաո»՝
Մա՛յր երգեցիր շարունակ։

Ուշանո՜ւմ ենք, երթա՛նք, բա՛վ է։
...Մա՛յր երգեցիր շարունակ։

1984, Ստեփանակերտ


ԱՇԽԱՐՀԸՆԴԴԵՄ ՀԱՌԱՉԱՆՔ

          Հովհ. ՇԻՐԱԶԻ հավերժահուր հիշատակին

Խիղճդ քնած մնաց, աշխա՛րհ, խիղճդ քնած մնաց՝
Մասիսի հեգ բանաստեղծն էլ այս աշխարհից գնաց։
Էլ քո ի՞նչն էր աստվածային, աշխա՛րհ, խիղճդ մեռնի՛,
Հայոց հույսի աստվածային բանաստե՞ղծն էլ լռի։
Էլ ո՞վ պիտի աշխարհասփյուռ մեր աղոթքը կարդա,
Սիփան, Վարագ, Անի, Արցախ, Ղարս՝ ձեր հույսը վաղվա։
Վանա ծովից փչող հովից էլ ո՞վ պիտի շիկնի,
Հայոց Պոմպեյ-Անիի սուրբ պարսպի տակ քնի։
Էլ ո՞վ պիտի հեծնի հույսի իր ոգեղեն ալ ձին,
Թե՝ չեմ մեռնի, մինչ չհասնեմ իմ ազատված Մասիսին։
Գնա՛ց... Քնա՛ծ մնաց, աշխա՛րհ, խիղճդ քնած մնաց,
Հայոց հույսի աստվածային բանաստեղծն է՛լ գնաց։

14.04.84, Ստեփանակերտ


ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ...

         Փայտե ձիով... տիեզերքն էլ նվաճեմ...
                       Հովհ. ՇԻՐԱԶ

Սիրո՜ւմ եմ ձեզ, աշխա՛րհ, մարդի՛կ, բոլորի՛դ,
Բայց պաշտում եմ Շիրազին,
Որ փայտե ձի հեծնեմ նրա պես մի օր,
Ու հասնեմ իմ մուրազին։

Փայտե ձիով գագաթն հասնեմ Մասիսի,
Սարիս գլխին կանաչեմ,
Փայտե ձիով աշխարհներս բերեմ տուն,
«Տիեզերքն էլ նվաճեմ»։

Ա՛զգ իմ, սուրբ է սարդ Հայկիդ նման սուրբ՝
Երբ էլ լինի՝ կգա տուն,
Սակայն չար է դեռ նաչարը աշխարհում,
Իսկ թշնամիդ՝ դեռ արթուն։

Գուցե մի օր կհաջողվի, կտեսնենք՝
Սարս, հողերս՝ գալիս,
Բայց Մասիսի գլխին բույն է դրել բուն,
Ու դեռ... մատ է թափ տալիս...

28.03.85, Ստեփանակերտ


ՄԵՆՔ

Մենք կարգին լեզվանի՛ չէինք,
Բայց կարգին... համեստ ձևացանք,
Ի՜նչ էր հին կյանք-ապրուստը մեր,
Հին կյանքով ապրել՝ թերացա՜նք։

Ընտրեցինք ուրի՜շ ճանապարհ,
Երկինքվե՜ց մեր բռունցք-ոգին,
Բայց հազի՜վ հասկացար, աշխա՛րհ,
Թե՞ դեռ չես հասկացել կարգին։

Մենք կարգին անխելք էլ չէինք,
Բայց կարգին... հիմար ձևացանք,
Մեր դարում՝ կոտորա՞ծ, ավե՞ր...
Գաղթական ու գաղթ էլ տեսանք։

Եվ՝ ինչպե՞ս մենք այստեղ, այսօր
Շրջվենք ու... միջնադար գնանք։
...Մենք կարգին ձևավոր էինք,
Ո՞նց կարգին... անձև ձևացանք։

1989, Ստեփանակերտ


ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

          Արցախյան պատերազմի նահատակ
          Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հիշատակին

Մութը թանձրացավ...
- Դե՝ լավ, ես գնամ,- ասաց աղջիկը։
- Մի քիչ էլ մնա,- թախանձեց տղան
Ու բռնեց ձեռքը,- մնա՛, խնդրո՜ւմ եմ...

Մութը թանձրացավ...
Հեռվում, ինչ-որ տեղ, ծղրիդը երգեց,
Մի կոտրած լուսին
Քարափի գլխից ձորը գլորվեց.
- Մնա՛, խնդրո՜ւմ եմ...

Քամին չէր լռում, չէր քնում քամին։
Թվում է՝ քամու քունը փախել է՝
Պահվել խավարում,
Քամին ի՞նչ անի, որտե՞ղ որոնի...
Քնել է ուզում աղջիկը ասես...
- Մնա՛, խնդրու՜մ եմ...

Տղան շոյում էր վարսերն աղջկա։
Աղջիկը խոնարհ գլուխը կախել,
Չգիտեր՝ գնա՞ր, չգիտեր՝ մնա՞ր...
Հեռվից ծղրիդի երգն աղերսում էր.
- Մի՛ գնա, մնա՜...
Քարափի գլխից ձորը գլորված
Լուսինը կարծես ձորից կանչում էր.
- Մի՛ գնա, մնա՜...
Քամին չէր լռում.
- Մնա՜,- խնդրում էր։
Տղան չէր խոսում, տղան լռո՜ւմ էր...
Աղջիկը խոնարհ գլուխը կախել,
Չգիտեր՝ գնա՞ր, չգիտեր՝ մնա՞ր...
- Մնա՛, խնդրո՜ւմ եմ...

...Աղջիկը լուռ էր։
Հանկարծ... ի՞նչ եղավ՝ դեմքը վառվում էր.
- Թո՛ղ, ի՞նչ ես անում...
Տղան կանգնել էր մեղավորի պես՝
Շրթունքախառը սերը շուրթերին։
Տղան լռո՜ւմ էր...

Աղջիկը փախավ եղնիկի նման։
- Մնա՛, խնդրո՜ւմ եմ,- աղերսեց տղան։
Խավարը նրան կլանեց իսկույն...
Ինչ-որ տեղ իսկույն դարպասը ճռռաց.
- Չմնա՜ց,
Գնա՜ց...

10.04.92, Կոճողոտ


ԼԵՌՆԵՐԸ

Ես ձեռքս պարզում եմ դեպի
Լեռներն իմ՝ խրոխտ, աներեր,
Ու իմ դեմ հառնում է հույզից,
Երազից ծնված մի սեր...

Ես ձեռքս պարզում եմ դեպի
Բարձունքը մարդկային հոգու
Ու տեսնում դարերի խրթին
Մրմունջը շուրթերին դաջված
Ու տանջված, տառապած մեկին։

Դարերը անցել-գնացել՝
Տանջանքն է սակայն մնացել,
Ու դաջված մրմունջն անմեկին...

Ես ձեռքս պարզում եմ նորից
Դեպի իմ հանգիստ լեռները,
(Լեռներ, որ ելել են հիմա՝
Մինչև վերջ պայքարեն պիտի),
Թվում է՝ թախծում են նրանք,
Երազում խոհերով խոկուն,
Եվ անցած-գնացած դարերի
Արցունքն ու մրմունջն են ջոկում...

08.07.92, Ստեփանակերտ


ԵՍ ԿՈՒԶԵԻ ԼԻՆԵԼ...

      Արցախյան պատերազմի նահատակ
      Գագիկ ՊԱՏՎԱԿԱՆՅԱՆԻ հիշատակին

Ես կուզեի լինել մեր քարերի նման,
Մեր քարերի նման հաղթ ու կանգուն,
Լինել կոպիտ, անտաշ ու քարեղեն... հմա,
Քարերի պես քնած, նաև ... արթուն։

Քարերի պես մամռած՝ իմաստնացած խոհով,
Քարերի պես խոնարհ, նաև... հպարտ,
Հողմերի դեմ ելնել աներկյուղ ու... ահով,
Կռվել-հաղթել, մեռնել՝ մնալ... անպարտ։

Ես կուզեի լինել մե՛ր քարերի նման...

08.07.92, Ստեփանակերտ


ԶՐՈՒՅՑ Պ.ՍԵՎԱԿԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՀԵՏ

Ես կանգնել եմ կրկին քո պատկերի առաջ
Ու դու կրկին իմ դեմ քո մեծ սիրտն ես բացում
, Դու խոսում ես ինձ հետ անմահների ձայնով,
Անմահների սրտից ինձ հետ խոսում ես դու։
Ու տանում ես դու ինձ ճանապարհով սիրո,
Քո սիրո հետ նորից լուռ մտորում,
Դու դառնում ես հառաչ, Կոմիտասյան մորմոք,
Վերջում... լո՜ւյս ես դառնում,
Որ... լո՜ւյս լինի...

Մինչդեռ հեռվից-հեռու՝ մշուշների միջից
Ժպտում են ինձ հպարտ Մասիսները,
Ու խշշում են հանդարտ քո հայացքի ներքո
Մեր նաիրյան կանաչ բարդիները։

(Զարմանալի բան է,
Այս ե՞րբ, ինչպե՞ս եկավ
Ու այս ինչպե՞ս կիսվեց գիշերը)...

Հրաժեշտ եմ տալիս ու հեռանում կամաց։
...Գուցե քնով անցնեմ,
Կամ էլ՝ մնամ քնած,
Ու քեզ վաղը կրկին այցի չգամ։
Այնժամ իմացիր, որ էլ ես... չկամ։

Իսկ դո՞ւ,
Դու կա՛ս միշտ էլ,
Ու կլինես դարե՛ր,
Դու մեր հայո՛ց բարդի, հա՜յ Մասիսներ...

23.03.84, Ստեփանակերտ


ՊԱՏԳԱՄ ՈՐԴՈՒՍ

              Սամվելիս

...Իսկ քո ծննդյան վայրկյանին, տղա՛ս,
Մորդ սիրտն է լոկ խինդից վեր թռել,
Ուստի՝ պարտք ես դու ողջ կյանքում նրան,
Որ քեզ ապրելու խի՛նդ է պարգևել։

Եվ ինչ էլ լինի՝ երբեք չթողնես,
Որ արցունքոտվեն մորդ աչքերը,
Իմ փորձով եմ քեզ պատգամում, տղա՛ս,
Ծա՜նր են, հավատա՛, մոր արցունքները...

13.02.93, Ստեփանակերտ


ՏՐԻՈԼԵՏՆԵՐ՝ ՊԱՐԵՏԱՅԻՆ ԺԱՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

1

Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային,
Պարետը «գիտե՞» այդ մասին,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է։

Քաղա՛ք իմ, քո օդը մաքուր
Տասը րոպեով «շատ» շնչեցի,
Գիշեր է՝ տասն անց տաս, ուշ է,
Խախտված է ժամը պարետային։

2

Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում,
Կրծում է հոգիս ու խոցում,
Հիմա՛ր է հիմա գիշերը։

Կրծում են մարմինս ու անցնում,
Խոցո՛ւմ են հոգիս հուշերը,
Հիմա՛ր է հիմա գիշերը,
Մենա՛կ եմ հիմա փողոցում։

1991, Ստեփանակերտ


ԱՇՆԱՆԱՅԻՆ ՊԱՏԿԵՐ

Չափչփում է խոնավ ու թաց փողոցները
Խելառ քամին,
Իսկ ծառերը նրա շնչից զգաստացած,
Լուռ,
Ամոթխած հարսի նման
Չկամորեն մերկանում են։

Արևը լուռ հեռանում է կիզակետից՝
Ստվերները երկարում են։
Կանգնել մայթին՝
Սրթսրթում են ծառերը մերկ,
Ու ծածկվում են աղջամուղջի շղարշի տակ
Շենք ու փողոց,
Այգի ու մայթ...

02.01.85, Ստեփանակերտ


ՏԽՈՒՐ ՆՈՐ ՏԱՐԻ

            Եղբորս՝ Անդրանիկին

Պատել է սիրտս մի հի՜ն դառնություն ու քե՛ն,
Եկել չոքել է բակում Նոր տարին արդեն։

Եկել՝ չոքել, ուր-որ է՝ դուռս կբախի,
Սամվել տղաս կբացի դուռն առանց վախի։

Եկել՝ չոքել է, սակայն եղբայրս չկա։
Բայց թվում է՝ ուր-որ է, հենց հիմա կգա։

Կգա ու ճիշտ վայրկյանին դուռս կբացի,
Եվ կարոտած տանս հետ կնստի հացի։

Կգա։ Սակայն անցնում է վայրկյանը նշված,
Հին է դառնում նոր տարին, տխո՜ւր ու... անցա՛ծ։

Ու չի գալիս եղբայրս, դառնությո՜ւն է ծով։
Լուռ անցնո՜ւմ են օրերս՝ տխուր ու մոլոր։

Լուռ անցնո՜ւմ են օրերս... Սիրտս ցա՛վ է զուր,
Ուրախանալ չի՛ թողնում տխրությունս լուռ։

01.01.93, Ստեփանակերտ


ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

                    Արցախյան պատերազմի նահատակ
                   Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին

Մինչ աքլորը կկանչեր՝ ոտքի վրա էր արդեն,
Ձին չափ գցած կբերեր Շենին աղբրում ջրելու,
Տանձենու տակ Եվայի՝ հանդում նա ձին կկապեր,
Հետո անտառ կգնար՝ լոբու ճիպոտ քաղելու։

Հետո խաղով կտարվեր՝ կմոռանար ամեն ինչ,
Նորից նրան կկանչեր մայրը՝ մենակ ու հոգնած,
Խաղը իսկույն կթողներ, որ գնար մոր հետ ցախի,
Թոնրի շրթին կշիկներ հետո ինչպես... թոնրահաց։

Սակայն մի օր, մի սև օր կախվեց օդում լուրը չար,
Կախվեց օդում ու մնաց ու քայլերը երերուն
Երկար ու լուռ ծալվեցին, գիշեր-ցերեկ, անընդհատ,
Հոր հետ տավարն էր քշում ու չէր հոգնում քայլելուց։

Ու չէր հոգնում քայլելուց։ Ու քայլում էր նա տխուր,
Խաչենագետը անցավ՝ լույսը դեռ լավ չբացված,
Լքված գյուղը ցավ էր լուռ, որ սեղմվել էր կոկորդում.
- Մնա՜ց Անուշ տանձենին, Խաչունց աղբյուրը մնա՜ց...

...Բակ էր իջել քրոջ հետ՝ քաղաքի հետ արթնացած,
Երբ գործարկվեց թշնամու հրետանին կատաղի,
Ու չզգաց էլ, թե արկի բեկորից ո՜նց ընկավ ցած։
...Իսկ աչքերում Ալվարդի՝ շունչն էր եղբոր ծիծաղի։

23.01.93, Ստեփանակերտ


ՆՎԱԳՆԵՐ ԱՐԱՐՎՈՂ ԼՈՒՅՍԻ

Լալիս է գիշերը մեղմիկ,
Գիշերը անձրև է մաղում,
Ու ձորի ուռենու ճյուղին
Անձրևը շողում է շաղով։

Իսկ քամին՝ փոթորկված, հուզված,
Ուռենու խոհերն է խառնում,
Ուռենին՝ թեև բզկտված,
Բայց հողին ամուր է կանգնում։

Դանդաղում, քնում է քամին,
Ուռենին ննջում է հանգիստ,
Բայց էլի անձրևը մաղում,
Գիշերը լալիս է մեղմիկ։

Գիշերվա քողի տակ, մթնում
Քնել են աղջիկն ու տղան,
Ինչ ո՜ւշ է լույսը արարվում,
Որ նրանք հանկարծ... չարթնանան։

27.01.83, Ստեփանակերտ


ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ

Առաջին սերը միշտ լո՜ւռ է լինում,
Քնքո՜ւշ է լինում սերը առաջին,
Առաջին սերը տխո՜ւր է լինում,
Ու հո՜ւշ է մնում սերը առաջին։

Առաջին սերը մաքո՜ւր է լինում,
Ազնիվ, անարատ՝ սերը առաջին,
Առաջին սերը թաքո՜ւն է լինում,
Ազնիվ ու... հպարտ՝ սերը առաջին։

...Սիրո՜ւմ են իրար ծառերն ու քամին,
Ու նրանց սերը միշտ լո՛ւռ է լինում,
Արևը՝ հողին, տերևը՝ ծառին
Միշտ էլ առաջին սիրով են սիրում։

Լինում է՝ հաճախ լքում են իրար,
Հողին՝ արևը, ծառին՝ տերևը,
Բայց նրանց միշտ էլ դարձի է բերում
Ու կապում իրար՝ առաջին սերը...

Առաջին սերը միշտ վե՛հ է լինում,
Անկեղծ, անկաշառ՝ սե՛րը առաջին...
...Առաջին սիրո՛վ ապրեք միշտ կյանքում,
Ու սիրեք իրար՝ սիրո՜վ առաջին։

ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄՆԵՐ

               Ռուզանին

-Ա՛յ տղա, բարի՛ տղա,
Իմ սիրած սարի՛ տղա,
Քո սիրուց այրվո՜ւմ եմ ես,
Մի՛ գնա, արի՛, տղա՛...

- Ա՛յ աղջիկ, անո՛ւշ աղջիկ,
Իմ քնքուշ-մանո՛ւշ աղջիկ,
Գնում եմ, իմ սեր-սրտից
Դու պահիր մի հո՛ւշ, աղջի՛կ։

Գնում եմ՝ լաց չլինես,
Գիշերը բաց չլինես,
Իսկ երբ որ կրկին ետ գամ՝
Արցունքից թա՛ց չլինես։

Լա՛վ եղիր ու տա՛ք... եղիր,
Արևից շիտա՛կ եղիր,
Երբ կրկին գի՛րկդ գամ ես՝
Իմ կրծքին կրա՛կ եղիր...

10.08.82, 10.06.83, Ստեփանակերտ


ՍԻՐՈ ՏՈՂԵՐԻՑ

Իմ սիրելի՛, իմ լա՜վ Ռուզան,
Ի՞նչ ցանկանամ քեզ այսօր,
Ասեմ՝ քո լավ օրե՞րը գան,
Բարի լուրեր նորից-նո՞ր։

Թե՞ պարզապես նստեմ քո դեմ
Եվ քո առաջ, հիացքով,
Իմ երազի լույսը փռեմ,
Ու... աչքերին նայեմ քո։

Թո՛ղ ամեն ինչ, նստի՛ր ինձ մոտ,
Խոսքս թող քիչ երկարի,
Ու մի՛ մնա հեզ կամ երկչոտ,
Վատ մտքերին միշտ գերի։

Սիրի՛ր կյանքը՝ պարզ, թե անթով,
Սիրի՛ր աշխարհն ու մարդկանց,
Թե մտո՛ք են նրանք կեղտոտ՝
Դու մաքրությո՛ւն տուր նրանց։

Մե՛ծ է կյանքը... Թող անհառաչ
Ապրես օրերդ գալիք...
Կոհակվում է, տե՛ս, քո առա
ջ Սիրտս՝ ալիք առ ալիք...

07.11.83, Ստեփանակերտ


ՊԱՊԻՍ ՀԵՔԻԱԹԸ

Պապս սիրում էր հեքիաթներ պատմել,
Հայրս չէր սիրում բնավ հեքիաթներ։
Իսկ երբ մեծացա՝ պապս էլ չկար,
Ու ես մնացի հեքիաթի ծարավ...

...Եվ եդեմական ծաղիկը ձեռքիս՝
Հեքիաթ-գրքերում լուռ թափառեցի։
Փնտրեցի անվերջ հավքին Հազարան,
Որ տանեի իմ սիրած աղջկան։

Շրջեցի անհույս սև-մութ աշխարհում
, Ուր գարուն էր միշտ ու միշտ... սև շորում։
Տեսա դևերին ես յոթգլխանի,
Աղբյուրը փակող արնոտ վիշապին։

Ու հանդիպեցի երբ ծարավ մարդկանց՝
Խղճահարվեցի, խղճացի նրանց։
Փրկեցի աղբյուրն արնոտ վիշապից,
Գարունն ազատվեց իր սև շղարշից։

Ու դեռ շատ երկար կթափառեի,
Սակայն լույս աշխարհ պիտի դուրս գայի։
Եվ դուրս կգայի, իրոք, լույս աշխարհ,
Եթե ճերմակին նստեի միայն։

Խոյերը խելառ դեռ կռվում էին,
Երբ ընկա մի կերպ ճերմակի մեջքին...
Ու... տուն հասա ես առանց հեքիաթի,
Չգտած կորած հեքիաթն իմ պապի։


ՏԱՏՍ

Տատս իր վերջին օրերն է ապրում,
Տատս մահվան հետ արդեն հաշտվել է,
Տեսնես մանկության օրե՞րն է հիշում,
Թե՞ պատանության լույս գիշերները։

Կամ գուցե հո՞րն է նորից վերհիշում,
Մորը չի հիշի, մայր չի տեսել նա,
Գուցե եղբո՞րը, քրո՞ջն է հիշում,
Որոնցից ոչ ոք այլևս չկա։

Թե՞ ամուսնուն է նորից վերհիշում,
Բարի, մարդասեր այն Խաչունց Անդրին,
Ով ազնիվ գործով հայրենի գյուղում
Վաղուց է կերտել իր վեհ կիսանդրին։

Ու շշնջում է ծանոթ անուններ,
Որոնք եղել են ու հիմա... չկան։
Շշնջում է լուռ, նախազգում նաև,
Որ մահը շուտով իր դուռն էլ կգա։

...Տատս իր վերջին ժամերն է ապրում,
Տատս աշխարհից պիտի հեռանա...
Ես այդ կորուստը լուռ եմ տագնապում,
Ես այդ կորստին ինչպե՞ս դիմանամ։

21.03.82, Մարտակերտ


ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծություն գրելուց առաջ
Ով իմ կրակին ոչ թե ջուր,
Այլ ածուխ է լցնում՝
Նրա դռանն եմ,
Նրա գերին ու խոնարհ ծառան եմ։
Բանաստեղծություն գրելուց հետո
Մարած կրակ եմ։
Բայց և՝ անթեղված պողերիս ուժով
Ջերմացված սրտին
Ու նրա բախտին տեր-տիրակալ եմ։
Իսկ թե ինչ-որ տեղ
Ինձ չեն ենթարկվում խոհերս հոգնած՝
Ես... բռնակալ եմ։

02.01.85, Ստեփանակերտ


ՀԱՎԱՏ

Ես սիրում եմ հոգնած քայլել ճամփաներով։
Բայց թե մի օր հանկարծ ընկնեմ ճամփակեսին,
Ես կձգտեմ կանգնել
Ու մահանալ... կանգնած։
Եվ, փույթ չէ,
Թող ոտքերս մի պահ կանգնեն։
Քանզի գիտե՛մ, գիտե՛մ,
Որ քայլերս պիտի՛ շարունակվեն...

13.10.84, Ստեփանակերտ