«Ում մահն է գուժում զանգը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Գլուխ տասներեքերորդ)
(Գլուխ քառասուներկուերորդ)
 
(23 intermediate revisions by the same user not shown)
Տող 5536. Տող 5536.
  
― Դե լսի՛ր, ― ասաց գնչուն։ ― Այստեղ․․․ ― և բացատրեց, թե ինչպես կարող են գտնել դարան մտած Անսելմոյին։
 
 +
 +
 +
==Գլուխ տասնհինգերորդ==
 +
 +
Անսելմոն կուռ էր եկել մի ծառաբնի ետևում ու պատսպարվել ձյունահողմից։ Ձեռքերը կոխել էր բաճկոնի թևքերի մեջ, աջ ձեռքը ձախի, ձախը՝ աջի, գլուխը քաշել էր ներս ու կպել ծառին։ Մի քիչ էլ որ մնամ, կսառեմ, մտածեց նա։ Ախր իմաստ էլ չունի։ Ճիշտ է, Ingles֊ն ասաց, որ մնամ մինչև գան փոխարինելու, բաց նա այն ժամանակ ի՞նչ իմանար, որ այսպիսի բուք է լինելու։ Ճանապարհի վրա արտակարգ շարժումներ չեն եղել, սղոցարանի պահակակետի դիրքն ու անցուդարձն էլ ոնց որ պետք էր իմացա։ Էլ ի՞նչ։ Գնամ։ Հասկացող մարդը պիտի սպասեր, որ ես հիմա ճամբար կվերադառնամ, մի քիչ էլ մնամ, մտածեց նա, հետո արդեն կգնամ։ Հիմար բան է հրաման ասածը․ կտրուկ, ոչ մի բան հաշվի չի առնում։ Ահա, բուք է, բայց պիտի մնաս, հրաման է։ Սկսեց ոտքերն իրար շփել, հետո ձեռքերը հանեց թևքերից ու սրունքները շփեց, ոտքերը խփեց իրար, որպեսզի արյունը լավ շրջան անի։ Ծառի ետևում համեմատաբար լավ էր, ցուրտն այնքան ուժեղ չէր, որովհետև քամին կոտրվում էր, բայց և այնպես արդեն հնարավոր չէր նստած մնալ, պետք էր վեր կենալ ու շարժվել։
 +
 +
Հենց այդ պահին, երբ ոտքերն իրար էր խփում, ճանապարհից ավտոմեքենայի ձայն լսվեց։ Մեքենայի անիվները պատված էին շղթաներով, շղթայի փաթաթաններից մեկը թուլացել էր ու զնգզնգում էր։ Ձյունածածկ ճանապարհով մեքենան ավելի ու ավելի մոտիկ եկավ, ներկված էր, կանաչ ու շագանակագույն անկանոն գծերը խառնվել էին իրար, ապակիները կապույտ էին, ներսը չէր երևում, կիսաբոլոր մի փոքր տեղ միայն թողել էին չներկված, որպեսզի ներսը գտնվողները կարողանային դուրսը տեսնել։ Գլխավոր շտաբի մեքենա էր, երկու տարվա ռոլս֊ռոյս, վեր էին ածել ռազմականի, բայց Անսելմոն այդքան բան որտեղի՞ց իմանար։ Նա չտեսավ նաև թիկնոցների մեջ պինդ փաթաթված սպաներին, որոնցից երկուսը նստել էին ետևում, իսկ երրորդը՝ բացովի նստարանին։ Բացովի նստարանին նստած սպան կապույտ լուսամուտի կիսաբոլոր բացվածքից նայում էր ճանապարհին։ Անսելմոն նրան չտեսավ։ Ոչ էլ նա տեսավ Անսելմոյին։
 +
 +
Մեքենան ձյան վրայով եկավ ու անցավ ուղիղ իր առջևով։ Անսելմոն տեսավ վարորդին, կարմիր թշեր ուներ, գլխին երկաթյա սաղավարտ կար, ուսերին՝ թիկնոց, կողքին մի զինվոր էր նստած՝ ձեռքը դրած գնդացրի փողին։ Մեքենան գնաց ու թեքվեց կեռմանով, Անսելմոն ձեռքը տարավ բաճկոնի տակ, վերնաշապկի կրծքագրպանից հանեց Ռոբերտ Ջորդանի տված թերթիկները և մարդատար մեքենայի պայմանական նկարի տակ նշում արեց։ Դա արդեն տասներորդն էր։ Վեցը ետ էին եկել։ Չորսը դեռ վերևում էին։ Սովորականից շատ չէին, բայց բանն այդ չէր, ֆորդերի, ֆիատների, օպելների, ռընոների ու սիտրոյենների կողքին, որոնք դիվիզիայի շտաբի մեքենաներ էին, հայտնվել էին ռոլս֊ռոյսներ, լանչիաներ, մերսեդեսներ, իզոտոներ, իսկ դրանք արդեն գլխավոր շտաբի մեքենաներն էին։ Անսելմոն այդ բանը չգիտեր, նա չէր տարբերում մակնիշները, ուրիշ բան, եթե այդտեղ լիներ Ռոբերտ Ջորդանը, նա անմիջապես կհասկանար, թե ինչ է նշանակում այդ մեքենաների հայտնվելը։ Բայց նա այդտեղ չէր, իսկ ծերունին, ինչպես որ հանձնարարված էր իրեն, ճանապարհով շարժվող ամեն մի մեքենա տեսնելիս թերթիկի վրա մի նոր նշան էր ավելացնում և վերջ։
 +
 +
Անսելմոն այնպես էր սառել, որ որոշեց վերադառնալ քանի դեռ մութը չէր ընկել։ Մոլորվելու վախից չէր, որ ուզում էր լույսով ետ դառնալ, պարզապես մտածում էր, որ մնալն ավելորդ է, քամին քանի գնում ավելի ու ավելի սառն էր դառնում, իսկ ձյան վերջը չէր երևում։ Վեր կացավ, ոտները թափ տվեց, իջնող ձյան միջով նայեց ճանապարհին ու մնաց տեղում, էլ չփորձեց վերև գնալ, հենվեց սոճու քամուց պաշտպանված կողին և սպասեց։
 +
 +
Ingles֊ն ասաց, որ մնամ, մտածեց Անսելմոն։ Նա գուցե հիմա ճամփա է ընկել, կգա, ինձ չի գտնի ու կարող է մոլորվել այս ձյան մեջ։ Մենք արդեն այնքան ենք տուժել այս պատերազմի օրերին մեր անկարգապահության ու հրամաններին չենթարկվելու պատճառով։ Չէ՛, կսպասեմ Ingles֊ին, մի քիչ էլ կսպասեմ։ Բայց եթե ուշանա, կգնամ, էլ ոչ մի հրամանի չեմ նայի։ Ախր ես պետք է տեղեկացնեմ, թե ինչ եմ տեսել, բացի այդ՝ ես ուրիշ գործեր էլ ունեմ այս երկու օրը, այնպես որ այստեղ մնալ֊սառելը բոլորովին իմաստ չունի։ Դրանից օգուտ չկա։
 +
 +
Ճանապարհի մյուս կողմում գտնվող սղոցարանի ծխնելույզից բարձրացող ծխի հոտը թափվող ձյան միջով հասավ Անսելմոյին։ Հիմա այդ ֆաշիստները հանգիստ նստել են տաքուկ սենյակում, իսկ վաղը գիշերը մենք նրանց պիտի սպանենք, մտածեց նա։ Տարօրինակ բան է։ Չեմ ուզում այդ մասին մտածել։ Ես այսօր ամբողջ օրը նրանց էի հետևում․ մարդիկ են, մեզ նման։ Համոզված եմ, հիմա եթե գնամ ու դուռը թակեմ, սիրով կընդունեն, բայց մյուս կողմից էլ արի տես, որ չեն կարող, որովհետև հրամայված է բոլորին հարցաքննել ու փաստաթղթերն ստուգել։ Ի՞նչ է դուրս գալիս՝ մեզ բաժանողը հրամաններն են։ Այս մարդիկ, օրինակ, ի՞նչ ֆաշիստ։ Ասում եմ ֆաշիստ, բայց ֆաշիստ չեն։ Մեզ նման մարդիկ են, խեղճ ու կրակ։ Ինչո՞ւ պիտի կռվեին մեր դեմ, ես ինչո՞ւ պիտի դրանց սպանեի։
 +
 +
Այս ժամապահները գալիսիացի են։ Կեսօրից հետո, երբ նրանց խոսակցությունը լսեցի, անմիջապես գլխի ընկա։ Դասալիք դառնալ նրանք չեն կարող, հարազատներին կգնդակահարեն։ Գալիսիացիները կամ շատ խելացի են լինում, կամ շատ բութ ու զզվելի։ Երկու տեսակին էլ հանդիպել եմ։ Ե՛վ Լիստերն է գալիսիացի, և՛ Ֆրանկոն, երկուսն էլ նույն քաղաքից։ Տեսնես ի՞նչ են մտածում հիմա այս գալիսիացիները, երբ այս ամսին այսպիսի ձյուն են տեսնում։ Նրանց մոտ բարձր սարեր չկան, այնտեղ անձրև է գալիս ու միշտ կանաչ է։
 +
 +
Սղոցարանի պատուհաններում լույս երևաց, իսկ Անսելմոն ցրտից դողում էր։ Գրողը տաներ այդ Ingles֊ին, մտածեց նա։ Այդ գալիսիացիները նստել են հիմա այնտեղ, մեր երկրում, տաքուկ տան մեջ, իսկ ես կուչ եմ եկել ծառի տակ ու ցրտից դողում եմ։ Մտցրել ենք մեզ ժայռերի ճեղքերի մեջ, ապրում ենք որջերում, ոնց որ սարի գազան։ Բայց ոչինչ, մտածեց նա, վաղը գազանները դուրս կգան որջերից, և այդ լավ ու հանգիստ նստածներդ կմեռնեք ձեր տաքուկ վերմակների մեջ։ Ոնց որ այն մյուսները՝ Օտերոյում, երբ գիշերով հանկարծակիի բերեցինք, մտածեց նա։ Բայց նա չէր սիրում հիշել Օտերոն։
 +
 +
Այն գիշեր, Օտերոյում, նա կյանքում առաջին անգամ մարդ սպանեց։ Հույս ուներ, որ այս ժամապահներին վերացնելիս, ինքն ստիպված չի լինի սրանցից որևէ մեկին սպանելու։ Օտերոյում այսպես եղավ, ինքը վերմակը գցեց ժամապահի գլխին, իսկ Պաբլոն դանակով խփեց նրան, պահակը արդեն մեռնում էր, բայց մեկ էլ ձեռքը գցեց ու բռնեց ոտքից, ինքն էլ ստիպված եղավ վերմակի վրայից դանակահարելու նրան, մինչև որ անշարժացավ։ Ծունկը դրել էր ժամապահի կոկորդին, որպեսզի չկարողանա ձայն հանել, ու խփում էր դանակով, այդ պահին Պաբլոն պատուհանից նռնակը գցեց սենյակ, զինվորները քնած էին։ Բոցը բարձրացավ, թվաց, ամեն ինչ կարմիր ու դեղին է, Պաբլոն երկու նռնակ էլ շպրտեց պատուհաններից ներս, անկողնից դուրս թռած զինվորներն էլ սպանվեցին։ Այդ այն ժամանակ էր, երբ Պաբլոն մոլեգնած դևի նման մահ էր սփռում ամբողջ նահանգում, դա նրա քաջագործությունների շրջանն էր, այդ օրերին ֆաշիստական ոչ մի պահակակետ գիշերներն իրեն ապահով չէր կարող զգալ։
 +
 +
Իսկ հիմա Պաբլոն վերջացած մարդ է, լրիվ կործանված, իսկական կռտած վարազ, մտածեց Անսելմոն։ Երբ վարազին կռտում֊պրծնում են, երբ ճչոցը կտրվում է, վարազը, որն արդեն վարազ չէ, մռութը գետնին քսելով գնում֊գտնում է ամորձիները և ուտում։ Չէ՝, Պաբլոն դեռ այդ օրին չի հասել, քմծիծաղեց Անսելմոն, չէ, չի հասել։ Բայց շատ զզվելի է դարձել, շատ է փոխվել։
 +
 +
Սարսափելի ցուրտ է, մտածեց նա։ Այդ Ingles֊ն ո՞ւր մնաց, գար պրծնեի, և հետո, ինչ լավ կլինի, եթե ես չսպանեմ այս չորս գալիսիացիներին ու կապրալին։ Ով ուզում է թող սպանի, ում համար որ հաճելի է, թող նա էլ սպանի։ Ingles֊ը այդպես ասաց։ Ասենք եթե հանձնարարեն, պիտի անեմ, բայց Ingles֊ն ասաց, որ դա մյուսներն են անելու, ես լինելու եմ իմ հետ, կամրջի տակ։ Կամրջի համար մարտ է լինելու, թե կարողացա ինձ ամուր պահել, դա էլ բավական է իմ տարիքի մարդու համար։ Բայց այս Ingles֊ն ո՞ւր մնաց, շատ ցուրտ է, գար՝ գնայինք, այդ սղոցարանի լույսն էլ որ տեսնում եմ ու պատկերացնում, որ ոնց տաք֊տաք նստել են գալիսիացիները, էլ ավելի եմ մրսում։ Ո՞ւր էր թե պատերազմը վերջացած լիներ, ես էլ լինեի իմ տանը։ Բայց դու հիմա տուն չունես, մտածեց նա։ Տուն վերադառնալու համար նախ պետք է այս պատերազմը հաղթել։
 +
 +
Սղոցարանում մի զինվոր նստել էր մահճակալին ու կոշիկներն էր ներկում։ Մյուսը քնել էր տեղերի մեջ, երրորդն ինչ֊որ բան էր եփում, իսկ կապրալը լրագիր էր կարդում։ Սաղավարտները կախված էին պատին խփված մեխերից, իսկ հրացանները հենված էին փայտորմին։
 +
 +
― Սա երկի՞ր է, արդեն հունիս ամիսն է ու ձյուն է գալիս, ― ասաց մահճակալին նստած զինվորը։
 +
 +
― Բնության խաղերից է, ― ասաց կապրալը։
 +
 +
― Լուսնի ամսով դեռ մայիս է ― ասաց եփող զինվորը։ ― Լուսնի ամսով մայիսը չի վերջացել։
 +
 +
― Լինի մայիս, սա երկի՞ր է, մայիսին՝ ձյուն, ― շարունակեց մահճակալին նստած զինվորը։
 +
 +
― Սարերում հաճախ է մայիսին ձյուն գալիս, ― ասաց կապրալը։ ― Ես Մադրիդում մի անգամ մայիսին ավելի շատ մրսեցի, քան ձմռանը։
 +
 +
― Եվ պատահում է, որ ավելի շոգ է լինում, քան ամռանը, ― ասաց եփող զինվորը։
 +
 +
― Շատ հակասական եղանակ է լինում մայիսին, ― ասաց կապրալը։ ― Այստեղ՝ Կաստիլիայում, մայիսին սովորաբար շատ շոգ է լինում, բայց կարող է և շատ ցուրտ լինել։
 +
 +
― Կամ անձրևել, ― ասաց մահճակալին նստած զինվորը։ ― Անցյալ տարի մայիսին գրեթե ամեն օր անձրև էր գալիս։
 +
 +
― Ճիշտ չես, ― ասաց եփող զինվորը։ ― Այդ քո անցյալ տարվա մայիս ասածը լուսնի ամսով ապրիլ էր։
 +
 +
― Լուսնի ամիս, լուսնի ամիս, մարդ կարող է գժվել, ― ասաց կապրալը։ ― Հանգիստ թող այդ լուսինը։
 +
 +
― Եթե ապրուստդ ծովից կամ հողից հանեիր, կտեսնեիր, որ լուսնի ամսով է որոշվում եղանակը, սովորական օրացույցի ամիսները հաշիվ չեն, ― ասաց եփող զինվորը։ ― Հիմա, օրինակ, լուսնով նոր մայիսն ենք մտել, իսկ այնպես արդեն հունիս է։
 +
 +
― Որ այդպես է, ուրեմն թող ճշտեն տարվա եղանակները, վերջնական մի բան լինի, ― ասաց կապրալը։ ― Գլուխս պայթում է այս դատարկ խոսքերից։
 +
 +
― Դու քաղաքից ես, ― ասաց եփող զինվորը։ ― Լուգոյից ես, չէ՞։ Դե որտեղի՞ց իմանաս ինչ է ծովը, ինչ է հողը։
 +
 +
― Քաղաքացին ինչքան չիմանա, որ քեզ նման analfabetos<ref>Անգրագետ (իսպ․)։</ref>֊ից քիչ բան իմանա։
 +
 +
― Դու գիտե՞ս, օրինակ, որ լուսնի այս ամսին սարդինի վտառներն սկսում են ափին մոտենալ, ― ասաց եփող զինվորը։ ― Ձկնորսանավերը բերնեբերան լցվում են։ Գիտե՞ս։ Իսկ թյունիկը հյուսիս է քաշվում։
 +
 +
― Իսկ քեզ ինչո՞ւ նավատորմ չեն վերցրել, ― հարցրեց կապրալը։ ― Նոյայից ես, չէ՞։
 +
 +
― Ըստ ցուցակների ես նեգրեյրացի եմ, որովհետև այնտեղ եմ ծնվել, Տամբրե գետի ափին, և ոչ թե նոյացի, իսկ նեգրեյացիներին ցամաքային զորամաս են տանում։
 +
 +
― Բախտդ չի բերել, ― ասաց կապրալը։
 +
 +
― Մի՛ կարծիր, որ նավատորմն անվտանգ է, ― ասաց մահճակալին նստած զինվորը։ ― Եթե ծովային մարտի էլ չբռնվես, ձմռանը ափին ինչ ասես կարող է պատահել։
 +
 +
― Բոլորից վատը ցամաքային զորամասներն են, ― ասաց կապրալը։
 +
 +
― Եվ դու էլ կապրալ ես, ― ասաց եփող զինվորը։ ― Այդ ի՞նչ ես խոսում։
 +
 +
― Ի՞նչ եմ խոսում, ― ասաց կապրալը։ ― Ես վտանգը նկատի ունեմ։ Ես նկատի ունեմ անվերջ ռմբակոծությունները, հարձակումները, խրամատային կյանքը։
 +
 +
― Այստեղ այդպիսի բաներ չենք տեսնում, ― ասաց մահճակալին նստած զինվորը։
 +
 +
― Աստծու ողորմածությամբ, ― ասաց կապրալը։ ― Բայց ի՞նչ իմանաս, թե ինչքան ժամանակ։ Մեր հերթն էլ կգա, միշտ այդպես հեշտ ու խաղաղ չի լինի։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, դեռ ինչքա՞ն կմնանք այստեղ։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց կապրալը։ ― Բայց լավ կլիներ, եթե մինչև պատերազմի վերջը մնայինք։
 +
 +
― Հերթափոխության համար վեց ժամը շատ է, ― ասաց եփող զինվորը։
 +
 +
― Եթե բուքը շարունակվի, կհերթափոխվենք երեք ժամը մեկ, ― ասաց կապրալը։ ― Դա նորմալ կլինի։
 +
 +
― Այդ շտաբի մեքենաներն ի՞նչ են նշանակում, ― հարցրեց մահճակալին նստած զինվորը։ ― Դրանց հայտնվելն ինձ դուր չի գալիս։
 +
 +
― Ես կարմիրների ինքնաթիռները տեսել եմ, դրանք ասել֊անցնելու չէին, ― ասաց մահճակալին նստած զինվորը։ ― Տեսել եմ այն երկշարժիչ ռմբակոծիչները, մարմինդ դող է ընկնում, սարսափ էին։
 +
 +
― Ճիշտ ես։ Բայց մեր ավիացիան ահավոր է։ Նրանք մեզ չեն հասնի, ― ասաց կապրալը։ ― Մեր ավիացիան հաղթել չի լինի։
 +
 +
Այսպիսի զրույց էր տեղի ունենում սղոցարանում, երբ Անսելմոն, կանգնած իջնող ձյան տակ, հետևում էր ճանապարհի անցուդարձին ու նայում լուսավորված պատուհանին։
 +
 +
Ո՞ւր էր, թե ես սպանելու հետ գործ չունենայի, մտածում էր Անսելմոն։ Ես կարծում եմ, որ պատերազմի ավարտից հետո այս բոլոր սպանությունների համար պետք է մի մեծ ապաշխարություն կազմակերպվի։ Երևի այն ժամանակ եկեղեցի չի լինի, ուրեմն պետք է մի նոր բան մտածենք, թող քաղաքացիական ապաշխարություն լինի, որպեսզի մարդիկ կարողանան մաքրվել այս ոճիրներից, թե չէ ճշմարիտ մարդկային կյանքով ապրելու հիմք չի լինի։ Ճիշտ է, ես էլ գիտեմ, առանց սպանության պատերազմ չի լինի, սպանել անհրաժեշտ է, բայց թե վատ է, էլի, վատ է, որ մարդն սպանում է, և ես կարծում եմ, որ երբ պատերազմը շահենք֊վերջացնենք, մի ապաշխարություն պիտի լինի, որպեսզի մաքրվենք սրբվենք։
 +
 +
Անսելմոն շատ բարի մարդ էր, և երբ մի քիչ երկար էր մենակ մնում, իսկ նա կյանքի մեծ մասը մենակ էր, նրա միտքն սկսում էր պտտվել սպանության խնդրի շուրջը։
 +
 +
Զարմանում եմ Inglesi վրա, մտածեց նա։ Ասում էր դա իր համար մի հաշիվ է, բայց զգայուն, ազնիվ մարդ է թվում։ Չեմ հասկանում։ Ի՞նչ ասեմ, գուցե ջահելների համար դա նշանակություն չունի։ Գուցե այլազգիները կամ այլադավանները ուրի՞շ վերաբերմունք ունեն այդ խնդրին։ Բայց ինչ էլ լինի, ես կարծում եմ, որ ով սպանում է, շուտ թե ուշ վայրենանում է, սպանելը մեծ մեղք է, թեկուզ անհրաժեշտ լինի, մենք պատերազմից հետո պետք է մի բան անենք, պետք է թողություն ստանանք։
 +
 +
Արդեն մութ֊մութ էր, Անսելմոն նայեց ճանապարհի մյուս կողմում վառվող լույսին ու թևերը խփեց կողերին, որպեսզի տաքանա։ Չէ, մտածեց նա, արդեն պետք է գնալ ճամբար, անպայման։ Բայց ինչ֊որ բան նրան պահում էր։ Ձյունն ավելի էր սաստկացել։ Այ, եթե այս գիշեր պայթեցնեինք կամուրջը, մտածեց Անսելմոն։ Այսպիսի գիշերով դատարկ բան էր պայթեցնելն էլ, պահակակետերը գրավելն էլ, ամեն ինչ միանգամից կվերջացնեինք։ Այսպիսի գիշերով ինչ ասես կարող ես անել։
 +
 +
Հետո հենվեց ծառին ու սկսեց կամաց֊կամաց ոտքերը դոփել, կամրջի մասին այլևս չէր մտածում։ Միշտ, երբ մութն ընկնում էր, նա իրեն մենակ էր զգում, այս իրիկուն էլ, ահա, այնպես մենակ է զգում իրեն, դատարկության այնպիսի մի զգացում է ներսում և այնպես է քամում, կարծես սոված լինի։ Առաջ մենության պահերը աղոթքով էր լցնում, որսից տուն էր դառնում, ծնկի էր գալիս ու աղոթում, բազում, բազում անգամ ասում էր միևնույն աղոթքն ու թեթևանում։ Բայց այն օրվանից, ինչ սկսվել էր պատերազմը, ոչ մի անգամ չէր աղոթել։ Զգում էր, որ աղոթքի կարիք ունի, բայց չէր աղոթում, մտածում էր, որ անազնվություն, կեղծավորություն կլինի շնորհ, թողություն աղերսելը, ի՞նչ իրավունքով պետք է ինքը մյուս մարդկանցից տարբերվի։
 +
 +
Այո, մտածեց նա, մենակ եմ։ Մենակ։ Բայց մենակ են նաև բոլոր զինվորները, զինվորների կանայք և բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց ծնողներին, հարազատներին։ Կինս մեռավ մինչև պատերազմն սկսվելը, երևի բարին դա էր։ Նա այս ամենը չէր հասկանա։ Զավակ չունեմ և երբեք այլևս չեմ ունենա։ Ցերեկները մենակություն զգում եմ այն ժամանակ, երբ անգործ եմ մնում, իսկական մենակությունն սկսվում է մթան հետ։ Բայց ես ունեմ մի բան, որը ոչ ոք չի կարող խլել ինձնից, ոչ իսկ աստված, այն է, որ լավ աշխատել եմ Հանրապետության համար։ Տքնել եմ, չեմ նայել դժվար է, թե ոչ, արել եմ, որպեսզի մարդիկ հետագայում լավ ապրեն։ Ես ինձ բոլորովին չեմ խնայել, պատերազմի առաջին օրից արել եմ, ինչ կարող էի, ամաչելու տեղ չունեմ։
 +
 +
Միայն մի բան է ինձ տանջում՝ սպանությունը։ Բայց երևի պատերազմից հետո հնարավոր կլինի թողություն ստանալ, մի բան պետք է մտածեն, թե չէ այս մեղքը այնքան մարդկանց վրա է ծանրացել, թեթևացման մի միջոց պիտի գտնեն։ Առանց դրան չի լինի։ Այս մասին արժեր Ingles֊ի հետ խոսել, բայց կարող է չհասկանալ, երիտասարդ է։ Երեկ ինքը խոսք բացեց սպանության մասին, թե՞ ես էի։ Չեմ հիշում։ Նա պիտի որ շատ սպանած լինի, բայց բոլոր նշաններից երևում է, որ դա նրան դուր չի գալիս։ Այդ բանը հաճույքով անողները միշտ էլ նողկալի են։
 +
 +
Չէ, սպանությունը շատ մեծ մեղք է, մտածեց նա։ Այդ մեկն անելու իրավունք չունենք, թեկուզ անհրաժեշտ լինի, ես այդպես գիտեմ։ Բայց արի տես, որ Իսպանիայում այնպիսի հեշտությամբ են սպանում, և հաճախ առանց որևիցե անհրաժեշտության, այնքան հապճեպ, անարդար դատաստաններ են անում, որ հետագայում ոչ մի ձևով չես կարողանա ուղղել։ Չեմ ուզում այլևս այդ մասին մտածել, ո՞նց անեմ, որ չմտածեմ։ Պետք է ապաշխարել, պետք է հենց հիմիկվանից ապաշխարել, այդ սպանությունն ինձ հանգիստ չի տալիս, տանջվում եմ, երբ մենակ եմ լինում։ Մնացած բաների համար թողության կարելի է արժանանալ՝ բարի գործեր կանես, կապրես առաքինի կյանքով։ Բայց սպանությունը շատ մեծ մեղք է, մի բան պետք է մտածեն, որպեսզի մարդ այդ մեղքի համար էլ թողություն ստանա։ Ասենք պատերազմից հետո հավաքեն սպանություն կատարածներին ու տանեն որոշ ժամանակ աշխատեցնեն պետության համար, կամ էլ մի ուրիշ բան մտածեն, որպեսզի մարդ կարողանա այդ մեղքը թոթափել իր վրայից։ Գուցե փող տանք, ոնց որ պատերազմից առաջ եկեղեցուն էինք տալիս, մտածեց նա ու ժպտաց։ Եկեղեցին մեղքի հարցը լավ էր լուծել։ Այդ միտքը նրան զվարճացրեց, և նա ժպտում էր մթության մեջ, երբ մոտեցավ Ռոբերտ Ջորդանը։ Նա այնքան լուռ ու հանգիստ էր մոտեցել, որ ծերունին նրան տեսավ, երբ արդեն կանգնած էր կողքին։
 +
 +
― Hola, viejo,<ref>Ողջույն, ծերուկ (իսպ․)։</ref> ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը և խփեց ծերունու ուսին։ ― Ո՞նց ես, ծերուկ։
 +
 +
― Շատ ցուրտ է, ― ասաց Անսլեմոն։ Ֆերնանդոն կանգնել էր մի փոքր այն կողմ՝ թիկունքն արած քամուն։
 +
 +
― Գնացինք, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ճամբարում կտաքանաս։ Հանցագործություն էր քեզ այսքան երկար այստեղ պահելը։
 +
 +
― Դա նրանց պատուհանի լույսն է, ― ասաց Անսելմոն։
 +
 +
― Ժամապահը որտե՞ղ է։
 +
 +
― Ճանապարհի ոլորանի վրա։ Այստեղից չի երևում։
 +
 +
― Լավ, գրողն իրենց հետ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ճամբարում կպատմես։ Գնացինք։
 +
 +
― Սպասիր, ցույց տամ, ― ասաց Անսելմոն։
 +
 +
― Առավոտյան գալու եմ այդ բոլորը ուսումնասիրելու, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Վերցրո՛ւ, մի կում խմիր։
 +
 +
Տափաշիշը մեկնեց ծերունուն։ Անսելմոն գլուխը ետ գցեց ու խմեց։
 +
 +
― Ա՛յ, ― ասաց ու սրբեց բերանը։ ― Կրակ է։
 +
 +
― Դե արի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը մթության մեջ։ ― Գնացինք։
 +
 +
Խավարն այնպես էր թանձրացել, որ միայն թափվող ձյան փաթիլներն էին երևում ու սոճիների բները։ Մի փոքր վերևում Ֆերնանդոն կանգնած իրենց էր սպասում։ Այս ինչքա՜ն է հնդկացու նման, նայի՛ր, ոնց որ ծխախոտի խանութներում դրված խրտվիլակ լինի, ասաց Ռոբերտ Ջորդանն ինքն իրեն։ Արի սրան էլ մի կում տուր թող խմի։
 +
 +
― Հե՛յ, Ֆերնանդո, ― ասաց, երբ մոտեցան նրան։ ― Մի կում։
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Շնորհակալ եմ։
 +
 +
Ես եմ շնորհակալ, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Ինչ լավ է, որ հնդկացու խրտվիլակները չեն խմում։ Արդեն շատ քիչ է մնացել։ Բայց դու այն ասա՝ ո՜նց ուրախացար, որ տեսար ծերուկին։ Նա նայեց Անսելմոյին, թփթփացրեց թիկունքին ու բարձրացան զառիթափով։
 +
 +
― Viejo, գիտե՞ս, որ քեզ տեսնելիս ուրախանում եմ, ― ասաց Անսելմոյին։ ― Ինչքան ուզում է մռայլված լինեմ, հենց որ քեզ տեսնում եմ, սիրտս բացվում է։ Գնանք, գնանք տեղ հասնենք։
 +
 +
Ձյուների միջով նրանք գնում էին սարալանջն ի վեր։
 +
 +
― Ետ դեպի Պաբլոյի պալատը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին։ ― Հիանալի է հնչում իսպաներեն։
 +
 +
― El palacio del Miedo, ― ասաց Անսելմոն։ ― Վախի պալատը։
 +
 +
― La cueva de los huevos perdidos, ― ուրախ շարունակեց Ռոբերտ Ջորդանը։ ― Կորած ձվերի քարայրը։
 +
 +
― Ի՞նչ ձվեր, ― հարցրեց Ֆերնանդոն։
 +
 +
― Կատակում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կատակում եմ։ Քո իմացած ձվերի մասին չէ, այն՝ մյուսների։
 +
 +
― Բայց ինչո՞ւ են կորել, ― հարցրեց Ֆերնանդոն։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Երկար պատմություն է։ Հարցրու Պիլարին, ― հետո թևը գցեց Անսելմոյի ուսով, պինդ գրկեց ու թափ տալով քայլեց նրա հետ։ ― Լսի՛ր, ― ասաց։ ― Գիտե՞ս թե ոնց եմ ուրախացել քեզ տեսնելով։ Ախր դու չգիտես, թե ինչ է նշանակում այս երկրում մարդուն թողածդ տեղը գտնելը։
 +
 +
Սա ցույց էր տալիս, թե ինչքան հարազատ ու վստահելի էր համարում ծերունուն, որ թույլ էր տալիս իրեն նույնիսկ երկրի դեմ խոսքեր ասելու։
 +
 +
― Ես էլ եմ ուրախ, որ տեսնում եմ քեզ, ― ասաց Անսելմոն։ ― Բայց արդեն պատրաստվում էի թողնել֊գնալու։
 +
 +
― Կգնայիր, բա, չէի՞ր գնա, ― երջանիկ ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կսառեիր, բայց տեղիցդ չէիր շարժվի։
 +
 +
― Վերևում ո՞նց էր, ― հարցրեց Անսելմոն։
 +
 +
―Հիանալի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ամեն ինչ հիանալի է։
 +
 +
Նա անչափ երջանիկ էր, նա ամբողջովին համակված էր երջանկության այն անսպասելի ու հազվադեպ զգացումով, որն ունենում են երբեմն հեղափոխական բանակի հրամանատարները։ Այդպիսի երջանկությամբ համակվում են, երբ թևերից գոնե մեկը դիմադրում է։ Իսկ եթե պատահի, որ երկու թևն էլ դիմադրեն, դա արդեն չգիտեմ, թե ինչ կլինի, մտածեց նա։ Դա այնպիսի մի երջանկություն կլինի, որին հնարավոր չէ դիմանալ։ Եվ եթե փորձես խորանալ, հասկանալ, թե ի՞նչ է ի վերջո թևը, ապա կհանգես այն միակ եզրակացության, որ դա մի մարդ է։ Այո՛, մի մարդ։ Թեև այսպիսի աքսիոմն իրեն բոլորովին ձեռնտու չէր։ Բայց այդ մարդուն արդեն կարող ես վստահել։ Մեկ վստահելի մարդ։ Դու կլինես իմ ձախ թևը, երբ մարտն սկսվի, մտածեց նա։ Բայց այդ մասին ես դեռ քեզ ոչինչ չեմ ասի։ Դա շատ փոքր, ահավոր փոքր մարտ կլինի, մտածեց նա։ Բայց կլինի ահավոր լավ մարտ։ Այո, ես միշը երազել եմ ինքս մի մարտ վարել, բոլորովին ինքնուրույն։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Ազինկուրից մինչև օրս տեղի ունեցած բոլոր մարտերն էլ սխալ են վարել։ Ես այս մեկը կվարեմ այնպես, ինչպես պետք է։ Սա կլինի փոքր, բայց շատ ընտիր մարտ։ Եթե ինձ հաջողվի այս մարտն այնպես վարել, ինչպես մտածել եմ, անպայման շատ ընտիր մարտ է լինելու։
 +
 +
― Լսի՛ր, ― ասաց Անսելմոյին, ― ես շատ սարսափելի ուրախ եմ, որ նորից տեսնում եմ քեզ։
 +
 +
― Ես նույնպես, որ նորից տեսնում եմ քեզ, ― ասաց ծերունին։
 +
 +
Հիմա նրանք բարձրանում էին սարալանջով, քամին ու ձյունը խփում էին նրանց թիկունքին, և Անելմոն այլևս մենակ չէր զգում իրեն։ Նա մենակ չէր այն պահից, երբ Ingles֊ը խփեց ուսին։ Ingles֊ը ուրախ էր, երջանիկ, և իրենք կատակում էին։ Ingles֊ն ասաց, որ ամեն ինչ լավ է, և երևում է, որ նա անհանգստացած չէ։ Ստամոքսը տաքացավ խմիչքից հետո։ Հիմա որ քայլում են, ոտքերն էլ են տաքացել։
 +
 +
― Մեքենա շատ չանցավ, ― ասաց Ingles֊ին։
 +
 +
― Լավ, ― ասաց Ingles֊ը։ ― Տեղ հասնենք՝ ցույց կտաս։
 +
 +
Անսելմոն երանության մեջ էր, ուրախությանը չափ չկար, ինչ լավ էր արել, որ մնացել էր դիտակետում, մտածում էր նա։
 +
 +
Եթե վերադարձած լիներ ճամբար, չէիր կարող մեղադրել։ Շատ բանական կլիներ, շատ ճիշտ, հանգամանքներն այդ էին թելադրում։ Բայց տես, մնացել է, որովհետև ասել էի՝ մնա։ Սա հազվադեպ բան է Իսպանիայում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Այսպիսի ձյունահողմին անշարժ մնալ դիտակետում, այո, մեծ, շատ մեծ բան է։ Գերմանացիներն իզուր չէ, որ հողմն ու հարձակումը նույն բառով են արտահայտում Sturm: Բայց սրանց մեջ, երևի, էլի կգտնվեն, էլի մի երկուսը, որոնք նույնպես կմնային, չէին թողնի֊գնա։ Կգտնվեն, անպայման կգտնվեն։ Հետաքրքի՛ր է՝ Ֆերնանդոն կմնա՞ր։ Շատ հնարավոր է։ Ի վերջո ինքն էր չէ՞, որ հենց քիչ առաջ առաջարկեց ուղեկցել ինձ։ Ուրեմն ենթադրում ես, որ կմնա՞ր։ Լավ կլիներ, չէ՞։ Բայց երևում է, որ համառ մարդ է։ Արի մի քիչ տնտղենք։ Տեսնես այս րոպեին ինչի մասին է մտածում ծխախոտի խանութի այս հնդկացու խրտվիլակը։
 +
 +
― Ֆերնանդո, այդ ինչի՞ մասին ես մտածում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես շատ հետաքրքրասեր եմ։
 +
 +
― Ընթրիքի մասին էի մտածում։
 +
 +
― Ուտել սիրո՞ւմ ես։
 +
 +
― Այո։ Շատ։
 +
 +
― Պիլարը լա՞վ խոհարար է։
 +
 +
― Միջակ, ― պատասխանեց Ֆերնանդոն։
 +
 +
Երկրորդ Կուլիջն է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Բայց ես ինչ֊որ ներքուստ զգում եմ, որ սա կմնար, չէր թողնի֊գնա։
 +
 +
Նրանք դանդաղ, ձյունը ճեղքելով, բարձրանում էին սարալանջն ի վեր։
 +
 +
 +
==Գլուխ տասնվեցերորդ==
 +
 +
― Էլ Սորդոն էր եկել, ― ասաց Պիլարը Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
Բքից հետո նորից տաք ու ծխոտ քարայրում էին։ Կինը գլխի շարժումով իր մոտ կանչեց Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
― Գնաց, որ ձիեր ճարի։
 +
 +
― Լավ։ Որևէ բան չպատվիրե՞ց հաղորդել։
 +
 +
― Միայն այդ՝ գնացել է ձիեր ճարելու։
 +
 +
― Իսկ այստեղ ո՞նց եք։
 +
 +
― No se,<ref>Չգիտեմ (իսպ․)։</ref> ― ասաց կինը։ ― Նայիր դրան, կտեսնես։
 +
 +
Քարայր մտնելիս Ռոբերտ Ջորդանը տեսել էր Պաբլոյին, նա նայել էր իրեն ու քմծիծաղել։ Հիմա էլ, ահա, նստած սեղանի առաջ, ձեռքով է անում։
 +
 +
― Ingles, ― կանչեց Պաբլոն։ ― Շարունակում է տեղալ, Ingles:
 +
 +
Ռոբերտ Ջորդանը գլխով արեց։
 +
 +
― Կոշիկներդ հանիր չորացնեմ, ― ասաց Մարիան։ ― Վերևում կկախեմ, այստեղ, կրակը չի հասնի։
 +
 +
― Տե՛ս, չվառես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չեմ ուզում բոբիկ մնալ։ Սա ի՞նչ բան է, ― դարձավ Պիլարին։ ― Միտի՞նգ է։ Ինչո՞ւ պահակներն իրենց տեղերում չեն։
 +
 +
― Այս բքի՞ն։
 +
 +
Վեց տղամարդ, պատին թիկնած, նստել էին սեղանի դիմաց։ Անսելմոն ու Ֆերնանդոն բաճկոնների ու շալվարների վրայի ձյունն էին թափ տալիս ու ոտքերը խփում քարայրի մուտքի պատին։
 +
 +
― Տո՛ւր բաճկոնդ, ― ասաց Մարիան։ ― Մի՛ թողնի, որ ձյունը հալվի։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը բաճկոնն հանեց, թափ տվեց շալվարի ձյունն ու սկսեց կոշիկների կապերը քանդել։
 +
 +
― Ամբողջ հատակը թրջեցիր, ― ասաց Պիլարը։
 +
 +
― Ինքդ կանչեցիր ինձ ներս։
 +
 +
― Բայց քեզ ոչ ոք չի արգելում, որ վերադառնաս դռան մոտ թափ տաս ձյունը։
 +
 +
― Ների՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ բոբիկ կանգնած հողե հատակին։ ― Մարիա՛, ինձ մի զույգ գուլպա տուր։
 +
 +
― Այր և տեր, ― ասաց Պիլարը ու մի փայտ դրեց կրակին։
 +
 +
― Hay que aprovechar el tiempo, ― պատասխանեց նրան Ռոբերտ Ջորդանը։ ― Պետք է օգտվել ժամանակի ընձեռած հնարավորությունից։
 +
 +
― Կողպած է, ― ասաց Մարիան։
 +
 +
― Բռնի՛ր, ― ասաց ու գցեց բանալին։
 +
 +
― Չի բացում։
 +
 +
― Մյուս ուսապարկինն է։ Հենց վերևն էլ դրված են, կողքը։
 +
 +
Աղջիկը գտավ գուլպաները, փակեց ուսապարկը, կողպեց և բանալին ու գուլպաները բերեց տվեց Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
― Հագի՛ր, ոտքերդ էլ լավ շփիր, ― ասաց աղջիկը։ Ռոբերտ Ջորդանը ժպտաց նրան։
 +
 +
― Իսկ չե՞ս կարող մազերովդ չորացնել ոտքերս, ― ասաց այնպես, որ Պիլարը լսի։
 +
 +
― Ա՛յ քեզ խոզ, ― ասաց Պիլարը։ ― Քանի կար տեր իշխան էր, հիմա էլ ուզում է մեր նախկին տեր աստվածը դառնալ։ Վերցրու փետն ու տուր դրան, Մարիա՛։
 +
 +
― Չէ՛, չէ՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանն աղջկան։ ― Կատակում եմ։ Կատակում եմ, որովհետև գոհ եմ, ուրախ։
 +
 +
― Դու գո՞հ ես և ուրա՞խ։
 +
 +
― Այո, ― ասաց նա։ ― Կարծում եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում, ինչպես որ պետք է։
 +
 +
― Ռոբերտո՛, ― ասաց Մարիան։ ― Գնա նստիր, ոտքերդ չորացրու, իսկ ես մի բան կբերեմ, որ խմես֊տաքանաս։
 +
 +
― Տես է, ո՞նց կլինի, աշխարհում էլ ոչ մեկի ոտքերը չեն թրջվել, ― ասաց Պիլարը։ ― Ոչ մի անգամ ձյուն չի եկել։
 +
 +
Մարիան ոչխարի մի մորթի բերեց ու գցեց հատակին։
 +
 +
― Դի՛ր ոտքերդ, ― ասաց աղջիկը, ― մինչև որ կոշիկներդ չորանան։
 +
 +
Անմշակ մորթի էր, դեռ նոր էր չորացել, Ռոբերտ Ջորդանը կիսագուլպաներով կանգնեց մորթու վրա, որը մագաղաթի նման խշխշաց ոտքերի տակ։
 +
 +
Օջախն սկսեց ծուխ անել։
 +
 +
― Բորոբոքի՛ր կրակը, անպետք աղջիկ, ― գոռաց Պիլարը Մարիայի վրա։ ― Դարձրիր ծխատուն։
 +
 +
― Ի՛նքդ բորբոքիր, ― ասաց Մարիան։ ― Ես Էլ Սորդոյի թողած շիշն եմ փնտրում։ Որտե՞ղ է։
 +
 +
― Ուսապարկերի ետևում, ― ասաց Պիլարը։ ― Ծծկեր է խնամում։
 +
 +
― Չէ, ― ասաց Մարիան։ ― Ծծկեր չէ, տղամարդ է, տուն է եկել՝ մրսած, թրջված։ Ահա՛, գտա, ― ասաց ու բերեց շիշը դրեց Ռոբերտ Ջորդանի առջև։ ― Կեսօրվա շիշն է։ Այս շշից կարելի է գեղեցիկ լապտեր սարքել։ Երբ որ նորից էլեկտրականություն ունենանք, ինչպիսի՜ լապտեր կարող ենք սարքել սրանից։ ― Նա հիացած նայեց տափակ շշին։ ― Ռոբերտո, ո՞նց ես խմում սա։
 +
 +
― Այդ ո՞նց է, որ Ingles չես ասում, ― ասաց Ռոբերտ Ջորդանն աղջկան։
 +
 +
― Ուրիշների մոտ Ռոբերտո եմ ասում, ― ցածրաձայն ասաց աղջիկը։ ― Ո՞նց ես խմելու, Ռոբերտո։
 +
 +
― Ռոբերտո, ― ասաց Պաբլոն խզված ձայնով ու գլխով արեց Ռոբերտ Ջորդանի կողմը։ ― Ո՞նց ես խմելու, դոն Ռոբերտո։
 +
 +
― Ուզո՞ւմ ես, քեզ էլ տամ, ― հարցրեց նրան Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Պաբլոն գլուխը թափ տվեց։
 +
 +
― Ես գինի եմ խմում, ― ասաց նա արժանապատվությամբ։
 +
 +
― Խմի՛ր, Բաքոսն ընդ քեզ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն իսպաներեն։
 +
 +
― Բաքոսն ո՞վ է, ― հարցրեց Պաբլոն։
 +
 +
― Քո ընկերներից է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Առաջին անգամ եմ լսում, ― ծանր֊ծանր ասաց Պաբլոն։ ― Այս սարերում այդպիսի մարդ չկա։
 +
 +
― Անսելմոյին լցրու, ա՛յ, նա է մրսել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և սկսեց հագնել չոր կիսագուլպաները։ Ջրախառն վիսկին մի ջինջ ու մեղմ ջերմությամբ էր պատել բերանը։ Բայց սա ներսդ տակնուվրա չի անում, ոնց որ աբսենթը, մտածեց նա։ Աբսենթն ուրիշ է, ուրիշ։
 +
 +
Մտքովդ կանցնե՞ր, որ այստեղ վիսկի կխմես, մտածեց նա։ Երևի ամբողջ Իսպանիայում ոչ մի տեղ հնարավոր չլինի վիսկի ճարել, բացի Լա Գրանխայից։ Ա՛յ քեզ Սորդո։ Պատկերացնո՞ւմ ես, գնում դինամիտավորի համար վիսկի է ճարում, հյուրասիրում, հետո էլ մնացածը բերում֊թողնում է այստեղ։ Չէ, սա սովորական քաղաքավարական ձևականություն չէ։ Ձևականությունն այն կլիներ, որ շիշը բացեր ու հյուրի հետ մի֊մի բաժակ խմեին։ Ֆրանսիացին այդպես կվարվեր։ Հետո էլ մնացած վիսկին կպահեր մի այլ առիթի։ Իսկ Սորդոյի արարքում ոչ մի հաշվենկատություն չկա, նա մտածել է, որ դա հաճելի է հյուրին, ուրեմն պետք է նաև մնացածը բերել ու թողնել նրան, և այն էլ, երբ ինքն այնքան հոգսեր ունի, որ քեզ չհիշելը ավելի քան բնական կլիներ։ Միայն իսպանացին կարող էր այդպես վարվել։ Որոշ իսպանացիներ, մտածեց նա։ Կարող են հիշել քեզ ու վիսկի բերել, ևս մի պատճառ, որպեսզի սիրես այս մարդկանց։ Լավ, շատ էլ մի ռոմանտիկացրու դրանց, մտածեց նա։ Իսպանացիների մեջ էլ ինչ տեսակ մարդ ասես կա, ոնց որ ամերիկացիների։ Բայց այս վիսկի բերելը հոյակապ բան էր։
 +
 +
― Ո՞նց է, դուր եկա՞վ, ― հարցրեց Անսելմոյին։ Անսելմոն, որը նստել էր օջախի կողքին՝ բաժակն առած խոշոր ձեռքերի մեջ, գլուխը թափ տվեց։ ― Չէ՞։
 +
 +
― Երեխան ջուր էր ավելացրել վրան, ― ասաց Անսելմոն։
 +
 +
― Ճիշտ այնպես, ինչպես Ռոբերտոյին, ― ասաց Մարիան։ ― Ի՞նչ է, դու հատո՞ւկ մարդ ես։
 +
 +
― Չէ, ― ասաց Անսելմոն աղջկան։ ― Ոչ մի հատուկ։ Պարզապես ինձ դուր է գալիս, երբ ցած գնալիս վառում է։
 +
 +
― Դա տուր ինձ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը աղջկան։ ― Նրան այդ վառողից լցրու։
 +
 +
Նա Անսելմոյի բաժակը դատարկեց իրենի մեջ և դատարկ բաժակը երկարեց աղջկան, սա սկսեց զգուշությամբ վիսկի լցնել։
 +
 +
― Է՛հ, ― ասաց Անսելմոն, վերցրեց բաժակը, գլուխը ետ գցեց ու մի թափով խմեց։ Հետո նայեց աղջկան, որը շիշը ձեռքին կանգնել էր կողքին,  աչքով արեց։ Աչքերը թաց էին։ ― Ա՛յ, ― ասաց ու լիզեց շրթունքները։ ― Ա՛յ սա ուրիշ բան է։ Սրանով արդեն կարող ես սպանել քեզ կրծող որդը։
 +
 +
― Ռոբերտո՛, ― ասաց Մարիան ու շիշը ձեռքին մոտեցավ նրան։ ― Հացը դնե՞մ։
 +
 +
― Պատրա՞ստ է։
 +
 +
― Պատրաստ է, կարող եմ դնել, երբ որ ցանկանաս։
 +
 +
― Մյուսները կերե՞լ են։
 +
 +
― Բոլորը, բացի քեզնից, Անսելմոյից ու Ֆերնանդոյից։
 +
 +
― Դե դիր, ― ասաց նա։ ― Իսկ դո՞ւ։
 +
 +
― Ես հետո, Պիլարի հետ։
 +
 +
― Նստիր մեզ հետ։
 +
― Ո՛չ։ Չի կարելի։
 +
 +
― Մեր երկրում մարդ, կին իրար հետ են հացի նստում։
 +
 +
― Ձեր երկրում այդպես է, մեր երկրում՝ այսպես։ Տղամարդիկ վերջացնում են, հետո կանայք են հացի նստում։
 +
 +
― Նստի՛ր, ― ասաց Պաբլոն սեղանի մյուս ծայրից։ ― Նստի՛ր, կե՛ր, հետը։ Խմի՛ր հետը։ Մեռի՛ր հետը։ Արա՛ իր երկրի կարգով։
 +
 +
― Հարբա՞ծ ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանն ու ելավ կանգնեց Պաբլոյի դիմացը։ Կեղտոտ, մազակալած մռութով մարդը երջանիկ հայացքով նայեց նրան։
 +
 +
― Այո, ― ասաց նա։ ― Իսկ այդ որտե՞ղ է, Ingles, որ կանայք տղամարդկանց հետ սեղան են նստում։
 +
 +
― Estados Unidos֊ում, Մոնտանայի նահանգում։
 +
 +
― Այդտե՞ղ են տղամարդիկ կնկա փեշ հագնում։
 +
 +
― Ո՛չ։ Դա Շոտլանդիայում է։
 +
 +
― Բայց լսի՛ր, Ingles, ― ասաց Պաբլոն։ ― Երբ այդպիսի փեշ եք հագնում․․․
 +
 +
― Ես փեշ չեմ հագնում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Որ փեշ եք հագնում, ― շարունակեց Պաբլոն, ― տակից ի՞նչ եք հագնում։
 +
 +
― Ես չգիտեմ, թե շոտլանդացիներն ի՞նչ են հագնում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինձ համար էլ շատ հետաքրքիր է։
 +
 +
― Ես Escoces֊ների մասին չեմ, ― ասաց Պաբլոն։ ― Ո՞ւմ են պետք այդ Escoces-ներդ։ Մեկի անունը, որ այդքան տարօրինակ լինի, էլ ո՞ւմ է պետք։ Ինձ որ պետք չէ։ Բոլորովին։ Ես ձեր մասին եմ, ես ասում եմ դուք, Ingles, դուք ի՞նչ եք հագնում փեշի տակից։
 +
 +
― Ես քեզ արդեն երկու անգամ ասացի, որ մենք փեշ չենք հագնում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ո՛չ հարբած ժամանակ, ո՛չ էլ հանաքի համար։
 +
 +
― Բայց փեշի տակից, ― շարունակեց Պաբլոն։ ― Դե դա հայտնի բան է, որ դուք փեշ եք հագնում։ Նույնիսկ զինվորներն են հագնում։ Պրայս կրկեսում կախված էին լուսանկարները։ Տեսել եմ։ Փեշի տակից, Ingles: Փեշի տակից դուք ի՞նչ եք հագնում։
 +
 +
― Los cojones,<ref>Ամորձիներ (իսպ․)։</ref> ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Անսելմոն ծիծաղեց, ծիծաղեցին բոլորը, բացի Ֆերնանդոյից։ Կանանց ներկայությամբ նման գռեհիկ արտահայտությունը նրա համար վիրավորական էր։
 +
 +
― Դե դա բնական է, ― ասաց Պաբլոն։ ― Բայց ինձ թվում է, որ եթե մի բանի նման cojones լինեին, փեշ չէիք հագնի։
 +
 +
― Էլ այնպես մի՛ արա, Ingles, որ դա նորից սկսի, ― ասաց տափակ դեմքով ու ջարդված քթով մարդը, որին Պրիմիտիվո էին կոչում։ ― Հարբած է։ Արի մեզ պատմիր, թե ի՞նչ եք պահում, ի՞նչ եք աճեցնում ձեր երկրում։
 +
 +
― Տավար, ոչխար, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ ցորեն ենք աճեցնում, լոբի։ Շաքարի ճակնդեղ՝ ինչքան ասես։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը, Անսելմոն ու Ֆերնանդոն ընթրում էին, մյուսները մոտեցել էին նրանց, միայն Պաբլոն էր մնացել սեղանի մյուս ծայրին իր գինու թասի հետ։ Այսօր էլ, ինչպես երեկ, շոգեխաշած միս էր, և Ռոբերտ Ջորդանն ուտում էր ագահորեն։
 +
 +
― Լեռներ կա՞ն ձեր երկրում։ Անունից երևում է, որ պիտի լինեն, ― ասաց Պրիմիտիվոն փորձելով քաղաքավարի հունի մեջ դնել խոսակցությունը։ Նա նեղվում էր հարբածի գռեհկություններից։
 +
 +
― Լեռներ շատ կան և շատ էլ բարձր։
 +
 +
― Իսկ արոտավայրե՞ր։
 +
 +
― Սքանչելի։ Ամառը նախիրը քշում են բարձրադիր արոտավայրերը, անտառների մեջ, դրանք պետությանն են պատկանում, աշնանն իջեցնում են հովիտները։
 +
 +
― Հողը ո՞ւմ է պատկանում, գյուղացո՞ւն։
 +
 +
― Հողի մեծ մասը պատկանում է նրանց, ովքեր մշակում են։ Առաջ ամբողջ հողը պատկանել է պետությանը, բայց հետո բաժանել են, ով որտեղից ուզել է, տվել են, մինչև հարյուր հիսուն հեկտար։
 +
 +
― Դա ի՞նչ ձևով է արվել, պատմի՛ր, հա՞, ― ասաց Ագուստինը։ ― Հողային այդ ռեֆորմը կարծես լավ է։
 +
 +
Ռոբերտ Ջորդանն սկսեց բացատրել հոմ֊սթեդի էությունը։ Նրա մտքով երբեք չէր անցել, որ դա կարելի է հողային ռեֆորմ համարել։
 +
 +
― Հրաշալի է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ասա կոմունիզմ է, էլի, ձեր երկրում։
 +
 +
― Ո՛չ։ Հանրապետություն է։
 +
 +
― Ես կարծում եմ, ― ասաց Ագուստինը, ― որ եթե հանրապետություն լինի, ամեն ինչ կարելի է անել։ Ուրիշ կարգերի կարիք չկա։
 +
 +
― Խոշոր կալվածատերեր չունե՞ք, ― հարցրեց Անդրեսը։
 +
 +
― Շա՜տ։
 +
 +
― Ուրեմն անարդարություններ կլինեն։
 +
 +
― Անպայման։ Շատ անարդարություններ կան։
 +
 +
― Բայց չե՞ք փորձում վերացնել։
 +
 +
― Փորձում ենք, ամեն ջանք գործադրում։ Բայց միևնույն է, դեռևս շատ֊շատ են անարդարությունները։
 +
 +
― Բայց հնարավոր չէ՞ այդ մեծ կալվածները կտրատել, բաժանել։
 +
 +
― Հնարավոր է։ Բայց շատերն այն կարծիքին են, որ դրանք հարկերի ծանրությանը չեն դիմանա և ինքնաբերաբար կմասնատվեն։
 +
 +
― Ինչպե՞ս։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը մի կողմից ամանն էր սրբում հացով, մյուս կողմից բացատրում, թե ինչպիսի եկամտային ու ժառանգության հարկեր գոյություն ունեն, և թե ինչքան դժվար է դրանց տակից դուրս գալը։
 +
 +
― Բայց խոշոր կալվածները, միևնույն է, շարունակում են իրենց գոյությունը, չնայած որ կան նաև հողային հարկեր։
 +
 +
― Բայց խոշոր կալվածատերերն ու հարուստները կապստամբեն, որպեսզի ազատվեն այդ հարկերից։ Ես կարծում եմ, որ այդ հարկերը կարող են հեղաշրջման պատճառ դառնալ։ Նրանք կապստամբեն պետության դեմ, երբ տեսնեն, որ էլ ուրիշ ճար չունեն, ոնց որ այստեղ ֆաշիստներն արեցին, ― ասաց Պրիմիտիվոն։
 +
 +
― Հնարավոր է։
 +
 +
― Այն ժամանակ դուք էլ պիտի կռվեք, ոնց որ հիմա մենք։
 +
 +
― Այո, մենք էլ պիտի կռվենք։
 +
 +
― Իսկ ձեր երկրում ֆաշիստները շա՞տ են։
 +
 +
― Շատերը չգիտեն, որ իրենք ֆաշիստ են, բայց երբ ժամանակը գա, կիմանան։
 +
 +
― Բայց չե՞ք կարող դրանց ոչնչացնել, քանի չի սկսվել խռովությունը։
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չենք կարող ոչնչացնել։ Բայց կարող ենք դաստիարակել մարդկանց այնպես, որ նրանք վախենան ֆաշիզմից, ճանաչեն այն, երբ հանդես գա և հակահարված տան։
 +
 +
― Գիտե՞ս որտեղ է, որ ոչ մի ֆաշիստ չկա, ― հարցրեց Անդրեսը։
 +
 +
― Որտե՞ղ։
 +
 +
― Պաբլոյի քաղաքում, ― ասաց Անդրեսն ու քմծիծաղեց։
 +
 +
― Գիտե՞ս ինչ են արել այնտեղ, ― հարցրեց Պրիմիտիվոն Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
― Այո։ Լսել եմ այդ պատմությունը։
 +
 +
― Պիլարի՞ց։
 +
 +
― Այո։
 +
 +
― Դու լրիվ չես լսել, ― ասաց Պաբլոն, դժվարությամբ արտասանելով բառերը։ ― Կինը չտեսավ վերջին մասը, նա նայում էր պատուհանից, բայց աթոռը շրջվեց և նա ընկավ։
 +
 +
― Վերջին մասն էլ դու պատմիր, ― ասաց Պիլարը։ ― Պատմի՛ր, քանի որ ես չգիտեմ։
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ Ես դա երբեք չեմ պատմել։
 +
 +
― Այո, չես պատմել, ― ասաց Պիլարը։ ― Եվ չես պատմի։ Եվ հիմա շատ ես ուզում, որ եղած չլիներ։
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ ― Ճիշտ չես։ Եթե ֆաշիստներին բոլորն էլ այնպես սպանեին, ինչպես ես, այս պատերազմը հիմա չէր լինի։ Բայց ես չէի ուզի, որ այնպես լիներ, ինչպես եղավ։
 +
 +
― Այդ ինչո՞ւ ես ասում, ― հարցրեց Պրիմիտիվոն։ ― Չլինի՞ շուռ ես գալիս։
 +
 +
― Ո՛չ։ Բայց դա սարսափելի բարբարոսություն էր, ― ասաց Պաբլոն։ ― Այն ժամանակ ես ահավոր բարբարոս էի։
 +
 +
― Իսկ հիմա հարբած ես, ― ասաց Պիլարը։
 +
 +
― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Քո թույլտվությամբ։
 +
 +
― Ավելի լավ էր բարբարոս մնայիր, ― ասաց կինը։ ― Հարբեցողներից ավելի գարշելի բան չկա։ Գողը երբ գողություն չի անում, այնպիսին է, ոնց որ բոլորը։ Խաբեբան իր տանը խաբեություն չի անում։ Մարդասպանը գալիս է տուն, ձեռքերը լվանում։ Իսկ հարբեցողը գարշահոտություն է արձակում, պառկած տեղի մեջ փսխում, թոքերն այրում է սպիրտով։
 +
 +
― Դու կին ես, դու չես հասկանա, ― անվրդով ասաց Պաբլոն։ ― Ես գինով եմ, և ես հիմա երջանիկ կլինեի, եթե սպանած չլինեի նրանց։ Որ հիշում եմ, սիրտս պայթում է ցավից։ ― Նա տխուր թափ տվեց գլուխը։
 +
 +
― Դրան մի քիչ Սորդայի բերածից տվեք, ― ասաց Պիլարը։ ― Մի բան տվեք աշխուժանա, թե չէ անտանելի է դառնում նրա տխրությունը։
 +
 +
― Եթե կարողանայի վերստին կյանք տալ նրանց, կտայի, ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Գնա՛, կեղտոտի մեկը, ― ասաց Ագուստինը։ ― Ո՞ւր ես այդպես խոսում։
 +
 +
― Ես նրանց բոլորին վերստին կյանք կտայի, ― տխուր ասաց Պաբլոն։ ― Բոլորին։
 +
 +
― Քո մերը, ― գոռաց Ագուստինը։ ― Վերջ տուր կամ դուրս գնա։ Ախր այդ սպանածներդ ֆաշիստներ էին։
 +
 +
― Լսեցիր, չէ՞, ինչ ասացի, ― ասաց Պաբլոն։ ― Ես նրանց բոլորին հարություն կտայի։
 +
 +
― Հետո էլ կքայլեր ջրերի վրայով, ― ասաց Պիլարը։ ― Ես այսպիսի մարդ չեմ տեսել։ Դեռ մինչև երեկ տղամարդկության ինչ֊որ նշաններ ցույց էր տալիս։ Այսօր արդեն լրիվ անզոր կատվի ձագ է։ Եվ դեռ ուրախ էլ է, որ այդքան գարշելի է։
 +
 +
― Մենք պետք է կամ բոլորին սպանեինք, կամ էլ ոչ մեկին, ― ասաց Պաբլոն գլուխը տարուբերելով։ ― Բոլորին կամ ոչ մեկին։
 +
 +
― Լսի՛ր, Ingles, ― ասաց Ագուստինը։ ― Պատմի՛ր, ոնց եղավ, որ Իսպանիա եկար։ Դու Պաբլոյին ուշադրություն մի՛ դարձրու։ Հարբած է։
 +
 +
― Առաջին անգամ եկա տասներկու տարի առաջ։ Եկա, որպեսզի ծանոթանամ երկրին, լեզուն սովորեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Համալսարանում ես իսպաներեն եմ դասավանդում։
 +
 +
― Բոլորովին պրոֆեսորի նման չես, ― ասաց Պրիմիտիվոն։
 +
 +
― Մորուք չունի, ― ասաց Պաբլոն։ ― Նայի՛ր, մորուք չունի։
 +
 +
― Բայց իսկապե՞ս պրոֆեսոր ես։
 +
 +
― Դասատու։
 +
 +
― Դասավանդո՞ւմ ես։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ինչո՞ւ իսպաներեն, ― հարցրեց Անդրեսը։ ― Անգլերեն դասավանդելը ավելի հեշտ կլիներ, չէ՞, որ դու անգլիացի ես։
 +
 +
― Նա խոսում է, ոնց որ մենք, ― ասաց Անսելմոն, ― էլ ինչո՞ւ պիտի իսպաներեն չդասավանդի։
 +
 +
― Այո, բայց, այնուամենայնիվ, մի տեսակ հանդգնություն է օտարականի համար իսպաներեն դասավանդելը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես քեզ չեմ ուզում վիրավորած լինել, դոն Ռոբերտո։
 +
 +
― Սուտ պրոֆեսոր է, ― ասաց ինքն իրենից գոհ Պաբլոն։ ― Մորուք չունի։
 +
 +
― Անգլերեն դու, անշուշտ, ավելի լավ գիտես, ― ասաց Ֆերնանդոն։ ― Արդյո՞ք ավելի հեշտ ու պարզ չէր լինի, եթե անգլերեն դասավանդեիր։
 +
 +
― Նա իսպանացիներին չի դասավանդում, ― միջամտեց Պիլարը։
 +
 +
― Հուսով եմ, որ ոչ, ― ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Թող վերջացնեմ խոսքս, ջորի, ― ասաց Պիլարը։ ― Նա իսպաներեն դասավանդում է ամերիկացիներին։ Հյուսիսային ամերիկացիներին։
 +
 +
― Նրանք իսպաներեն չգիտե՞ն, ― հարցրեց Ֆերնանդոն։ ― Հարավային ամերիկացիները խոսում են։։
 +
 +
― Ջորի՛, ― ասաց Պիլարը։ ― Նա իսպաներեն դասավանդում է հյուսիսային ամերիկացիներին, որոնք խոսում են անգլերեն։
 +
 +
― Այդուամենայնիվ ինձ թվում է, որ իր համար ավելի հեշտ է անգլերեն դասավանդելը, քանի որ այդ լեզվով է ինքը խոսում, ― ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Չե՞ս լսում ոնց է իսպաներեն խոսում, ― հուսահատությունից գլուխը թափ տալով ասաց Պիլարը։
 +
 +
― Լսում եմ։ Բայց առոգանությամբ է խոսում։
 +
 +
― Ո՞ր տեղի, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Էսթրեմադուրայի, ― ծանր֊ծանր ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Ա՜խ, մայր իմ, ― ասաց Պիլարը։ ― Այս ի՞նչ մարդ է։
 +
 +
― Հնարավոր է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես այնտեղ էի մինչև այստեղ գալս։
 +
 +
― Նա գիտեր, շատ լավ գիտեր այդ բանը, ― ասաց Պիլարը։ ― Լսի՛ր, պառաված օրիորդ, ― դիմեց Ֆերնանդոյին, ― դու կշտացա՞ր։
 +
 +
― Եթե մնացել է, կուտեմ, ― ասաց Ֆերնանդոն Պիլարին։ ― Դոն Ռոբերտո, դու չմտածես, սակայն, որ քո դեմ ինչ֊որ բան ունեմ․․․
 +
 +
― Քո կաթը, ― ասաց Ագուստինը։ ― Ես քո կաթը։ Լսի՛ր, հեղափոխությունը դրա՞ համար արեցինք, որպեսզի ընկերոջը դոն Ռոբերտո ասենք։
 +
 +
― Իմ կարծիքով հեղափոխություն արեցինք, որպեսզի բոլորը բոլորին դոն ասեն, ― ասաց Ֆերնանդոն։ ― Հանրապետության օրոք այդպես պետք է լինի։
 +
 +
― Քո կաթը, ― ասաց Ագուստինը։ ― Ես քո կաթը։
 +
 +
― Այդուհանդերձ ես մնում եմ իմ կարծիքին՝ դոն Ռոբերտոյի համար ավելի հեշտ ու ավելի պարզ կլիներ անգլերեն դասավանդելը։
 +
 +
― Դոն Ռոբերտոն մորուք չունի, ― ասաց Պաբլոն։ ― Սուտ պրոֆեսոր է։
 +
 +
― Ի՞նչ ես ուզում մորուք չունի ասելով, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բա սա ի՞նչ է, ― ու դեմ արեց երեք օրվա մազակալած այտերն ու ծնոտը։
 +
 +
― Դա մորուք չէ, ― ասաց Պաբլոն ու թափ տվեց գլուխը։ ― Դա մորուք չէ։ ― Հիմա նա արդեն զվարթացել էր։ ― Սուտ պրոֆեսոր է։
 +
 +
― Ես ձեր բոլորի կաթը, ― ասաց Ագուստինը։ ― Մաքուր գժանոց է։
 +
 +
― Խմի՛ր, ― ասաց Պաբլոն։ ― Տես ես ոնց եմ, ինձ ոչ մի բան տարօրինակ չի թվում, բացի դոն Ռոբերտոյի մորուք չունենալուց։
 +
 +
Մարիան ձեռքը տարավ Ռոբերտ Ջորդանի այտին։
 +
 +
― Մորուք ունի, ― ասաց նա Պաբլոյին։
 +
 +
― Դու կիմանաս, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը նայեց նրան։
 +
 +
Չեմ կարծում, որ այնքան էլ հարբած է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Չէ, այնքան էլ հարբած չէ։ Աչքս վրան պետք է պահեմ։
 +
 +
― Լսի՛ր, դո՛ւ, ― ասաց Պաբլոյին, ― ի՞նչ ես կարծում, այս ձյունը դեռ երկա՞ր է գալու։
 +
 +
― Դու ի՞նչ ես կարծում։
 +
 +
― Ես քեզ եմ հարցնում։
 +
 +
― Ուրիշին հարցրու, ― ասաց Պաբլոն։ ― Ես քեզ համար հետախուզական ծառայություն չեմ։ Դու հետախուզական ծառայությունից թուղթ ունեիր, չէ՞։ Կնկան հարցրու։ Նա է հրամանատարը։
 +
 +
― Ես քեզ եմ հարցնում։
 +
 +
― Գնա՛, ես քո, ― ասաց Պաբլոն։ ― Քո էլ, կնկա էլ, աղջկա էլ։
 +
 +
― Հարբած է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Դու ուշադրություն մի՛ դարձրու։
 +
 +
― Չեմ կարծում, այնքան էլ հարբած չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Մարիան կանգնած էր ետևը, և Ռոբերտ Ջորդանը տեսավ, թե ինչպես է Պաբլոն իր ուսերի վրայով նայում աղջկան։ Մազակալած կլոր դեմքի ակնախորշերից վարազի փոքր աչքերը սևեռել էր աղջկա վրա։ Շատ մարդասպաններ եմ տեսել այս պատերազմի ընթացքում, տեսել եմ և պատերազմից առաջ, բայց նրանցից ոչ մեկը նման չի եղել մյուսին։ Չկա այնպիսի մի գիծ, մի հատկանիշ, որ բնորոշ լինի բոլորին, չկա հանցագործի ընդհանրական տիպ։ Բայց Պաբլոն անպայման ստոր երևույթ է։
 +
 +
― Դու խմել չես կարող, ես չեմ հավատում, ― ասաց նա Պաբլոյին։ ― Ոչ էլ հարբած ես։
 +
 +
― Հարբած եմ, ― ասաց Պաբլոն արժանապատվությամբ։ ― Խմելը դատարկ բան է։ Կարևորը հարբելն է։ Estoy muy borracho:<ref>Ես շատ հարբած եմ (իսպ․)։</ref>
 +
 +
― Կասկածում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Թուլամորթ ես, դա որ հաստատ է։
 +
 +
Քարայրում հանկարծ այնպիսի լռություն տիրեց, որ Ռոբերտ Ջորդանը լսեց օջախում վառվող փայտերի ճարճատյունը։ Լսեց իր ոտքերի տակ գցած ոչխարի մորթու խշխշոցը։ Նրան թվաց, որ ուր որ է ականջին կհասնի տեղացող ձյան ձայնը։ Բայց չհասավ, նա լսեց դրսի լռությունը։
 +
 +
Սպանեմ ու պրծնեմ, մտածում էր Ռոբերտ Ջորդանը։ Չգիտեմ, թե ինչ է ուզում անել, բայց սրանից լավ բան պետք չէ սպասել։ Վաղը չէ մյուս օրը կամուրջը պիտի պայթեցվի, իսկ այս ստորը վտանգավոր է գործի հաջողության համար։ Արի վերջը տուր։
 +
 +
Պաբլոն քմծիծաղելով նայեց նրան, մատը տարավ կոկորդի լայնքով ու տարուբերեց գլուխը, որը հազիվ էր շարժվում հաստ ու կարճ վզի վրա։
 +
 +
― Չէ, Ingles, ― ասաց նա։ ― Ես այդ խայծին գնացողը չեմ։ ― Հետո դարձավ Պիլարին ու ասաց․ ― Դա ինձանից պրծնելու հաջող ձև չէ։
 +
 +
― Sinverguenza,<ref>Անամոթ (իսպ․)։</ref> ― ասաց Ռոբերտ Ջորդանը, արդեն գործի անցնելու վճռականությամբ։ ― Cobarde:<ref>Թուլամորթ (իսպ․)։</ref>
 +
 +
― Շատ հնարավոր է, ― ասաց Պաբլոն։ ― Բայց միևնույն է, խայծիդ գնացողը չեմ։ Խմի՛ր, Ingles, մի բան խմիր և այդ կնկան հասկացրու, որ բան դուրս չեկավ։
 +
 +
― Փակի՛ր ռեխդ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես եմ ուզում, ես, ես եմ ուզում գրգռել քեզ։
 +
 +
― Իզուր մի՛ տանջվիր, ― ասաց Պաբլոն։ ― Բան դուրս չի գա։
 +
 +
― Դու bicho raro<ref>Ստոր արարած (իսպ․)։</ref> ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ չուզելով առիթը երկրորդ անգամ ևս բաց թողնել։ Եվ երբ խոսում էր, այնպիսի մի զգացողություն ունեցավ, իբր այս ամենը տեղի ունեցել է արդեն մի անգամ, որ ինքը խաղում է մի հատված վաղուց հիշողություն դարձած ինչ֊որ կարդացած երկից կամ տեսած երազից։
 +
 +
― Շատ ստոր եմ, ― ասաց Պաբլոն։ ― Շատ ստոր և ահավոր հարբած։ Քո կենացը, Ingles: Նա բաժակը սուզեց գինու թասի մեջ ու բարձրացրեց․ ― Salud y cojones:
 +
 +
Ստոր է, այո՛, ահավոր ստոր, մտածեց Ռոբերտ Ջորդանը, և նենգ է, ու շատ էլ բարդ։ Վառվող փայտերի ճարճատյունն այլևս չէր լսում, այնքան որ ծանր էր շնչում։
 +
 +
― Քո՛ կենացը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ նույնպես բաժակը սուզելով գինու թասի մեջ։ Առանց կենացի էլ ի՞նչ դավաճանություն, մտածեց նա։ Կենաց բարձրացրու։ ― Salud, ― ասաց։ ― Salud, դարձյալ salud: Ես քո salud֊ը ասաց մտքում։ Ես քո salud֊ը։
 +
 +
― Դոն Ռոբերտո, ― դժվարությամբ արտասանելով ասաց Պաբլոն։
 +
 +
― Դոն Պաբլո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Դու պրոֆեսոր չես, ― ասաց Պաբլոն, ― որովհետև մորուք չունես։ Եվ հետո, որպեսզի ինձանից պրծնես, պետք է ինձ սպանես, իսկ այդ բանն անելու համար դու cojones չունես։
 +
 +
Նա նայում էր Ռոբերտ Ջորդանին։ Բերանը փակ էր, միայն մի նեղ գիծ էր երևում շրթների արանքում։ Իսկական ձկան բերան, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Բա գլուխն ինչքան է նման այն խոզուկաձկներին, որոնք երբ բռնվում են, սկսում են օդ կուլ տալ և ուռչել։
 +
 +
― Salud, Պաբլո՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և բարձրացրեց բաժակն ու խմեց։ ― Շատ բան եմ սովորում քեզանից։
 +
 +
― Պրոֆեսորին սովորեցնում եմ, ― ասաց Պաբլոն, գլուխը թափ տալով։ ― Ես ու դու, դոն Ռոբերտո, բարեկամներ կդառնանք։
 +
 +
― Մենք արդեն բարեկամներ ենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Մենք արդեն լավ բարեկամներ ենք։
 +
 +
― Բայց հիմա լավ բարեկամներ կդառնանք։
 +
 +
― Ես գնամ այստեղից, ― ասաց Ագուստինը։ ― Ասում են մարդն ամբողջ կյանքում մի տոննա է ճաշակում սրանից, բայց այս մի րոպեի ընթացքում ամեն մի ականջիս մեջ արդեն քսանհինգ ֆունտ լցվեց։
 +
 +
― Քեզ ի՞նչ եղավ, negro, ― ասաց Պաբլոն։ ― Ի՞նչ է, դուր չի՞ գալիս, որ դոն Ռոբերտոն ու ես բարեկամացանք։
 +
 +
― Չփորձես ինձ negro<ref>Սև (իսպ․)։</ref> անվանել, ― ասաց Ագուստինն ու գնաց կանգնեց Պաբլոյի դիմաց։
 +
 +
― Բոլորն էլ այդպես են քեզ անվանում։
 +
 +
― Բայց դու չփորձես։
 +
 +
― Լավ, կասեմ blanco<ref>Սպիտակ (իսպ․)։</ref>․․․
 +
 +
― Ոչ էլ այդպես։
 +
 +
― Դե որ այդպես է, ի՞նչ կա։ Կարմի՞ր։
 +
 +
― Այո, Կարմիր։ Rojo: Բանակայինի կարմիր աստղ եմ կրում ու կռվում եմ հանուն Հանրապետության։ Իսկ անունս Ագուստին է։
 +
 +
― Այս ի՜նչ հայրենասեր մարդ է, ― ասաց Պաբլոն։ ― Նայի՛ր, Ingles, տե՛ս, թե ինչպիսի օրինակելի հայրենասեր է։
 +
 +
Ագուստինը ձախ ձեռքի երեսով ուժեղ հարվածեց Պաբլոյի բերանին։ Պաբլոն տեղից չշարժվեց։ Բերանի անկյունները գինոտ էին, դեմքի արտահայտությունը չէր փոխվել, բայց Ռոբերտ Ջորդանը նկատեց, որ աչքերը փոքրացան և բիբերը վառ լույսի մեջ կանգնած կատվի բիբերի նման ուղղահայաց գծիկներ դարձան։
 +
 +
― Սա էլ չի անցնի, ― ասաց Պաբլոն։ ― Սրա վրա էլ հույս չդնես, կի՛ն, ― դարձավ Պիլարին։ ― Ես խայծի գնացողը չեմ։
 +
 +
Ագուստինը նորից հարվածեց։ Այս անգամ բռունցքով։ Ռոբերտ Ջորդանը ձեռքը տարավ սեղանի տակ՝ ատրճանակին։ Ապահովիչը հանեց և ձախ ձեռքով Մարիային հեռանալու նշան արեց։ Աղջիկը մյուս կողմը կանգնեց։ Ռոբերտ Ջորդանն այս անգամ արդեն ձեռքով հրեց։ Աչքի ծայրով տեսավ, թե ինչպես աղջիկը հեռացավ ու գնաց օջախի մոտ։ Ռոբերտ Ջորդանը հայացքն հիմա հառել էր Պաբլոյի դեմքին։
 +
 +
Կլոր գլխով մարդը նստել ու աղոտ մանր աչքերը ուղղել էր Ագուստինին։ Բիբերն ավելի էին նեղացել, նա լեզուն տարավ շրթների վրայով, ձեռքի երեսով սրբեց բերանը, տեսավ, որ ձեռքն արյունոտվեց։ Լեզուն նորից տարավ շրթունքների վրայով ու թքեց։
 +
 +
― Սա էլ չի անցնի, ― ասաց նա։ ― Ես հիմար չեմ։ Ես խայծի չեմ գնա։
 +
 +
― Cabron, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Բա ո՞նց, ― ասաց Պաբլոն։ ― Բա ո՞նց, դու գիտես կնիկն ինչ է ուզում։
 +
 +
Ագուստինը նորից մի ուժեղ հարված հասցրեց Պաբլոյի բերանին, իսկ նա ծիծաղեց ու նայեց Ագուստինին՝ ցույց տալով դեղին, փտած, ջարդված ատամներն ու արյունոտված բերանը։
 +
 +
― Վերջ տուր, ― ասաց Պաբլոն և ձեռքը տարավ գինու թասին, որպեսզի բաժակը լցնի։ ― Այստեղ cojones ունեցող մարդ չկա, որ ինձ սպանի, իսկ ձեռքեր թափ տալը հիմարություն է։
 +
 +
― Cobarde, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Խոսքերից էլ բան դուրս չի գա, ― ասաց Պաբլոն ու կլկլացնելով սկսեց գինով ողողել բերանը։ Հետո թքեց հատակին։ ― Ինձ համար հայհոյանքը եղած թե չեղած։
 +
 +
Ագուստինը կանգնել էր նրա գլխին, նայում էր ներքև ու հայհոյում, հայհոյում էր դանդաղ, հատ֊հատ, չարախնդալով, արհամարհանքով, հայհոյում էր կանոնավոր, համաչափ, կարծես սայլակից գոմախբ էր վերցնում եղանով ու շերտ֊շերտ փռում արտում։
 +
 +
― Ոչ էլ դրանից բան դուրս կգա, ― ասաց Պաբլոն։ ― Վերջ տուր, Ագուստին։ Ու էլ մի՛ խփիր։ Ձեռքերդ կցավացնես։
 +
 +
Ագուստինը շրջվեց ու գնաց դեպի դուռը։
 +
 +
― Դուրս մի՛ գնա, ― ասաց Պաբլոն։ ― Ձյուն է դրսում։ Այստեղ մի հարմար տեղ արա քեզ համար ու հանգստացիր։
 +
 +
― Դո՛ւ։ Դո՛ւ, ― դռան մոտ շրջվեց ու ասաց Ագուստինը, այդ «Tu»֊ի մեջ դնելով իր ողջ արհամարհանքը, նողկանքը։
 +
 +
― Այո՛, ես, ― ասաց Պաբլոն։ ― Ես կապրեմ, իսկ դու մեռած կլինես։ ― Հետո բաժակը լցրեց ու բարձրացրեց։ ― Պրոֆեսորի կենացը, ― ասաց։ Հետո շրջվեց Պիլարի կողմը․ ― Սինյորա հրամանատարի կենացը։ ― Այնուհետև խոսքն ուղղեց մնացածներին․ ― բոլոր դյուրահավատների կենացը։
 +
 +
Ագուստինը մոտեցավ նրան ու ձեռքի կողքի արագ մի հարվածով դեն գցեց բաժակը։
 +
 +
― Դա արդեն ավելորդ էր, ― ասաց Պաբլոն։ ― Հիմարություն։
 +
 +
Ագուստինը կեղտոտ մի հայհոյանք տվեց։
 +
 +
― Այո, ― ասաց Պաբլոն, մի ուրիշ բաժակ լցնելով։ ― Ես հարբած եմ, ոնց որ տեսնում ես, երբ հարբած չեմ լինում, ես չեմ խոսում։ Երբևէ լսե՞լ ես իմ շատախոսությունը։ Բայց խելացի մարդը ստիպված է երբեմն հարբելու, որպեսզի կարողանա հիմարների հետ զրուցել։
 +
 +
― Կորի՛֊գնա՛, կեղտոտ թուլամորթ, ― ասաց Պիլարը։ ― Ես քեզ շատ լավ եմ ճանաչում, ոնց որ հինգ մատներս, վախկո՛տ։
 +
 +
― Դե որ կնիկն էլ խոսեց, ես գնամ, գնամ ձիերիս նայեմ, ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Գնա՛, խառնակվի՛ր հետները, ― ասաց Ագուստինը։ ― Այ դա՛ է քո գործը։
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Պաբլոն ու թափ տվեց գլուխը։ Նա ձեռքը տարել էր պատից կախված թիկնոցին ու նայում էր Ագուստինին։ ― Դո՛ւ, ― ասաց նա, ― դու միայն զազրախոսես։
 +
 +
― Ի՞նչ ես անելու ձիերին, ― հարցրեց Ագուստինը։
 +
 +
― Նայելու եմ, ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Պղծելու ես, ― ասաց Ագուստինը։ ― Անասնամոլ։
 +
 +
― Ես նրանց շատ֊շատ եմ սիրում, ― ասաց Պաբլոն։ ― Նրանք շատ ավելի գեղեցիկ են, քան այստեղ հավաքվածներդ, և շատ ավելի խելացի, նույնիսկ ետևի կողմից։ Դե ուրախացե՛ք, ― ասաց ու քմծիծաղեց։ ― Կամրջից պատմիր դրանց, Ingles: Ասա, թե ով ինչ է անելու հարձակման ժամանակ։ Բացատրիր, թե ոնց եք նահանջելու։ Ո՞ւր ես տանելու նրանց կամրջից հետո, Ingles: Ո՞ւր ես տանելու քո հայրենասերներին։ Ես այս ամբողջ օրը խմել եմ ու այդ մասին եմ մտածել։
 +
 +
― Եվ ի՞նչ ես մտածել, ― հարցրեց Ագուստինը։
 +
 +
― Ինչ եմ մտածե՞լ, ― ասաց Պաբլոն և շրթների տակ պտտեցրեց լեզուն։ ― Que te importa,<ref>Քեզ ի՞նչ (իսպ․)։</ref> թե ինչ եմ մտածել։
 +
 +
― Ասա՛, ի՞նչ, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Շատ բան, ― ասաց Պաբլոն։ Նա թիկնոցը գցեց ուսերին։ Թիկնոցի դեղին ու կեղտակալած ծալքերի վրա ցցված գլխի կլորությունը հիմա ավելի էր աչքի զարնում։ ― Շատ բան եմ մտածել։
 +
 +
― Ի՞նչ, ― ասաց Ագուստինը։ ― Ի՞նչ։
 +
 +
― Մտածել եմ, որ դուք դյուրահավատ մարդկանց մի փոքրիկ խումբ եք, ― ասաց Պաբլոն։ ― Որ ձեր առաջնորդը մի կին է, որի ուղեղը ազդրերի արանքում է, և դուք հավատում եք մի օտարականի, որը ձեզ կործանման է տանում։
 +
 +
― Դուրս կորի՛ր, ― գոռաց Պիլարը։ ― Դո՛ւրս այստեղից, գնա տնկվիր ձյան մեջ, բավական է ինչքան կեղտոտեցիր օդը։ Դո՛ւրս, անասնամոլ ― maricon.
 +
 +
― Լավ ասաց, ― հիացած բացականչեց Ագուստինը, բայց նրա մտքերն ուրիշ տեղ էին։ Նա մտահոգ էր։
 +
 +
― Գնում եմ, ― ասաց Պաբլոն։ ― Բայց շուտ կվերադառնամ։ ― Նա բարձրացրեց քարայրի մուտքի ծածկոցն ու դռան միջից գոռաց․ ― Ձյունը դեռ գալիս է, Ingles:
 +
 +
 +
==Գլուխ տասնյոթերորդ==
 +
 +
 +
Կամարի բացվածքից կրակի վրա ընկնող ձյան թշշոցն էր հիմա միայն լսվում քարայրում։
 +
 +
― Պիլա՛ր, ― ասաց Ֆերնանդոն։ ― Միս մնացե՞լ է։
 +
 +
― Դե բավական է, դու էլ, ― ասաց Պիլարը։ Բայց Մարիան վերցրեց Ֆերնանդոյի ամանը, մոտեցավ օջախի կողքին դրված կաթսային, մսապուր լցրեց, բերեց դրեց սեղանին ու սկսեց շոյել Ֆերնանդոյի ուսը։ Մի պահ այդպես աղջիկը կանգնած մնաց կողքին։ Բայց Ֆերնանդոն նրան չէր նայում։ Նա իր մսապուրով էր զբաղված։
 +
 +
Ագուստինը կանգնել էր օջախի մոտ։ Մյուսները նստած էին։ Պիլարն եկավ նստեց Ռոբերտ Ջորդանի դիմաց։
 +
 +
― Հիմա իմացա՞ր, Ingles, ― ասաց նա, ― թե ինչ մարդ է։
 +
 +
― Ի՞նչ կարող է անել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Ինչ ասես, ― ասաց կինը՝ հայացքն իջեցնելով սեղանին։ ― Ինչ ասես։ Ամեն ինչի ընդունակ է։
 +
 +
― Գնդացիրը որտե՞ղ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Այստեղ է, անկյունում, թիկնոցով փաթաթված դրված է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ուզո՞ւմ ես բերեմ։
 +
 +
― Հետո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ուզեցի տեղն իմանալ։
 +
 +
― Այստեղ է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ես ներս եմ բերել ու իմ թիկնոցով էլ փաթաթել եմ, որպեսզի չոր մնա։ Սկավառակները պարկի մեջ են։
 +
 +
― Նա դրան ձեռք չի տա, ― ասաց Պիլարը։ ― Maquina֊յին ձեռք չի տա։
 +
 +
― Կարծեմ դու ասացիր, որ ինչ ասես կարող է անել։
 +
 +
― Եթե maquina֊յից գլուխ հաներ, կարող էր, ― ասաց կինը։ ― Նռնակ կարող է շրպրտել։ Այդ մեկը ավելի է նրան բռնում։
 +
 +
― Հիմարություն էր, անզորություն, որ չսպանեցինք, ― ասաց գնչուն։ Երեկոյան այդ խոսակցությանը նա չէր մասնակցել։ ― Դեռ երեկ գիշեր պետք է Ռոբերտոն նրան սպանած լիներ։
 +
 +
― Սպանի՛ր, ― ասաց Պիլարը։ Նրա լայն դեմքը մռայլ ու հոգնած տեսք ուներ։ ― Հիմա արդեն կողմ եմ։
 +
 +
― Ես դեմ էի, ― ասաց Ագուստինը։ Նա կանգնել էր կրակի դիմաց, ձեռքերը կախ, կրակի ցոլքի տակ թվում էր, թե մազակալած այտերը փոս են ընկել։ ― Հիմա կողմ եմ, ― ասաց նա։ ― Նա հիմա տեղով մեկ թույն է։ Նա մեր մահն է ուզում։
 +
 +
― Թող բոլորն էլ իրենց խոսքն ասեն, ― ասաց Պիլարը հոգնած ձայնով։ ― Ասա՛, Անդրես։
 +
 +
― Matarlo,<ref>Սպանել (իսպ․)։</ref> ― ասաց եղբայրներից մեկը, որի սև մազերը սուր անկյունով իջել էին ճակատին։
 +
 +
― Էլադիո՛։
 +
 +
― Նույնպես, ― ասաց մյուս եղբայրը։ ― Ես կարծում եմ, որ նա շատ վտանգավոր է։ Եվ ոչ մի բանի պիտանի չէ։
 +
 +
― Պրիմիտիվո՛։
 +
 +
― Նույնպես։
 +
 +
― Ֆերնանդո՛։
 +
 +
― Իսկ չե՞նք կարող բանտարկել, ― հարցրեց Ֆերնանդոն։
 +
 +
― Ասենք բանտարկեցինք, ո՞վ է հսկելու, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Երկու հոգի էլ հսկելով պիտի զբաղվեն։ Իսկ հետագայում ի՞նչ ենք անելու։
 +
 +
― Կարող ենք վաճառել ֆաշիստներին, ― ասաց գնչուն։
 +
 +
― Այդ էր պակաս, ― ասաց Ագուստինը։ ― Այդ ստորությունն էր պակաս։
 +
 +
― Առաջարկություն է, ― ասաց գնչու Ռաֆայելը։ ― Ինձ թվում է, որ ֆաշիստները ուրախությամբ կգնեն։
 +
 +
― Ասացի վերջ տուր, ― ասաց Ագուստինը։ ― Դա ստոր բան է։
 +
 +
― Պաբլոյից էլ հո ստոր չէ, ― արդարացավ գնչուն։
 +
 +
― Ստորությունը ստորությամբ չի արդարացվում, ― ասաց Ագուստինը։ ― Դե լավ, բոլորն էլ արդեն ասացին իրենց խոսքը։ Մնացին ծերուկն ու Ingles֊ը։
 +
 +
― Նրանք սրա հետ գործ չունեն, ― ասաց Պիլարը։ ― Նա նրանց առաջնորդը չի եղել։
 +
 +
― Մի րոպե, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես դեռ չեմ վերջացրել։
 +
 +
― Խոսի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Այնքան խոսիր, մինչև վերադառնա։ Մինչև դռան ծածկոցը բարձրացնի ու նռնակը շպրտի, եղած֊չեղածը պայթեցնի։ Դինամիտն էլ, ամեն ինչ էլ։
 +
 +
― Կարծում եմ, չափազանցում ես, Պիլա՛ր, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես չեմ կարծում, որ նա նման մտադրություն ունենա։
 +
 +
― Ես էլ չեմ կարծում, ― ասաց Ագուստինը։ ― Որովհետև եթե պայթեցնի, գինին էլ է կորչելու, իսկ նա հիմա ուր որ է կգա, որ խմի։
 +
 +
― Իսկ չի՞ լինի, որ տանք Էլ Սորդոյին, նա թող վաճառի ֆաշիստներին, ― առաջարկեց Ռաֆայելը։ ― Բայց նախ աչքերը հանենք, թե չէ դժվար կլինի նրա հետ գլուխ հանել։
 +
 +
― Ձենդ կտրի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Քո դեմ էլ եմ նույն բանն զգում, երբ սկսում ես խոսել։
 +
 +
― Ֆաշիստները նրա համար ոչ մի բան էլ չեն վճարի, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Քեզնից առաջ էլ են փորձել, ոչ մի բան էլ չեն ստացել։ Դեռ կարող են գնդակահարել էլ քեզ։
 +
 +
― Եթե աչքերը հանենք, կարելի է վաճառել, մի բան կտան, համոզված եմ, ― ասաց Ռաֆայելը։
 +
 +
― Դե ձենդ կտրի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Մեկ էլ որ այդ մասին խոսել ես, գնալու ես մոտը։
 +
 +
― Բայց հիշո՞ւմ ես ոնց ինքը վիրավոր guardia civil֊ի աչքերը հանեց, ― շարունակեց գնչուն։ ― Մոռացե՞լ ես։
 +
 +
― Դե փակի՛ր բերանդ, ― ասաց Պիլարը։ Ռոբերտ Ջորդանի ներկայությամբ բացված այս աչքեր հանելու խոսակցությունը նրան շփոթության էր մատնել։
 +
 +
― Ես իմ խոսքը չեմ վերջացրել, ― ընդհատեց նրանց Ֆերնանդոն։
 +
 +
― Վերջացրո՛ւ, ― ասաց Պիլարը։ ― Խոսի՛ր։ Վերջացրո՛ւ։
 +
 +
― Քանի որ գործնականորեն հնարավոր չէ Պաբլոյին բանտարկված պահել և քանի որ ստոր բան է ֆաշիստների․․․
 +
 +
― Վերջացրո՛ւ, ― ասաց Պիլարը։ ― Վերջացրո՛ւ, ի սեր աստծու։
 +
 +
― ․․․ հետ որևիցե բանակցություն վարելը, ― անվրդով շարունակեց Ֆերնանդոն, ― ես համաձայն եմ, որ լավագույն լուծումը երևի այն կլինի, որ նա վերացվի հանուն ծրագրված գործողությունների հաջողության հնարավորության առավելագույն ապահովման։
 +
 +
Պիլարը նայեց այդ փոքրամարմին մարդուն, գլուխը թափ տվեց, շրթունքները կծեց և ոչ մի խոսք չասաց։
 +
 +
― Այս է իմ կարծիքը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես կարծում եմ, որ մենք կարող ենք արդարանալ, քանի որ նրա գոյությունը վտանգավոր է Հանրապետության․․․
 +
 +
― Ով սուրբ աստվածածին, ― ասաց Պիլարը։ ― Նույնիսկ այսպիսի ժամանակ մարդը կարողանում է բյուրոկրատություն անել։
 +
 +
― Նկատի ունենալով հենց քիչ առաջվա նրա խոսքերն ու արարքները, ― շարունակեց Ֆերնանդոն։ ― Ու թեև պատերազմի առաջին օրերից մինչև վերջին ժամանակների իր գործունեության համար նա արժանի է երախտագիտության․․․
 +
 +
Պիլարը վեր կացավ, գնաց օջախի մոտ ու մի լիքը աման ձեռքին վերադարձավ։
 +
 +
― Ֆերնանդո, ― ասաց հանգիստ ամանը դնելով սեղանին։ ― Ընդունի՛ր, խնդրեմ, ամենայն հանդիսավորությամբ այս միսը, լցրո՛ւ բերանդ ու լռի՛ր։ Խելագարեցրիր դու քո կարծիքով։
 +
 +
― Բայց ո՞նց ենք, ― հարցրեց Պրիմիտիվոն և կանգ առավ առանց նախադասությունն ավարտելու։
 +
 +
― Estoy listo, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես պատրաստ եմ ի կատար ածելու։ Քանի որ հանգել եք այդ վճռին, ես կարող եմ առաջարկել իմ ծառայությունը։
 +
 +
Այս ի՞նչ էր, մտածեց նա։ Լսեցի, լսեցի ու ինքս էլ սկսեցի Ֆերնանդոյի նման խոսել։ Վարակիչ բան է երևում խոսքը։ Ֆրանսերենը դիվանագետների լեզու է։ Իսպաներենը՝ բյուրոկրատների։
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Մարիան։ ― Ո՛չ։
 +
 +
― Դա քո գործը չէ, ― ասաց Պիլարը աղջկան։ ― Ձենդ կտրի՛ր։
 +
 +
― Հենց այս գիշեր էլ կանեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Նա նկատեց, որ Պիլարը մատը տարել էր շրթներին ու նայում է իրեն։ Կինը աչքերով ցույց էր տալիս դռան կողմը։
 +
 +
Քարայրի մուտքի դիմաց կախված տապճակը բարձրացավ, և երևաց Պաբլոյի գլուխը։ Նա ժպտաց բոլորին, հետո ներս եկավ, շրջվեց, ուղղեց տապճակը, հանեց թիկնոցն ու սկսեց ձյունը թափ տալ։
 +
 +
― Իմ մասի՞ն էիք խոսում, ― դիմեց բոլորին։ ― Խանգարեցի՞։
 +
 +
Ոչ մեկը չպատասխանեց, նա թիկնոցը կախեց պատին մեխված կեռից ու գնաց դեպի սեղանը։
 +
 +
― Que tal? ― հարցրեց ու սեղանի վրայից վերցրեց իր դատարկ բաժակը և սուզեց գինու թասի մեջ։ ― Վերացել է, ― ասաց Մարիան։ ― Տար լցրու տկից։
 +
 +
Մարիան վերցրեց թասն ու գնաց դեպի պատից գլխիվայր կախված երկարավուն, խոշոր, սև, ձյութապատ տիկը, քաշեց խցանը, և գինին սկսեց լցվել թասի մեջ։ Պաբլոն նայում էր ծնկաչոք աղջկան, նայում էր արագ պտույտներով թասի մեջ լցվող վառ կարմիր գինուն։
 +
 +
― Զգույշ, ― ասաց աղջկան։ ― Չթափվի, քիչ է մնացել, հասել է թիակներին։
 +
 +
Բոլորը լուռ էին։
 +
 +
― Պորտից մինչև թիակները այսօր եմ խմել, ― ասաց Պաբլոն։ ― Մի օրում։ Ձեզ ի՞նչ է եղել։ Կորցրե՞լ եք լեզուներդ։
 +
 +
Դարձյալ բոլորը լուռ էին։
 +
 +
― Լավ փակիր, Մարի՛ա, ― ասաց Պաբլոն։ ― Չծորա։
 +
 +
― Շուտով այնքան գինի լինի, ― ասաց Ագուստինը։ ― Միայն թե ի վիճակի լինես խմելու։
 +
 +
― Ըհը, մեկն արդեն լեզուն գտավ, ― ասաց Պաբլոն ու գլխով արեց Ագուստինին։ ― Շնորհավորում եմ։ Ես էլ մտածում էի, որ պապանձվել եք։
 +
 +
― Ինչի՞ց, ― հարցրեց Ագուստինը։
 +
 +
― Իմ գալուց։
 +
 +
― Դու կարծում ես, որ քո գալը կարևոր նշանակություն ունի՞։
 +
 +
Երևի ճիգ է գործադրում, որպեսզի ինքն իրեն հաղթահարի։ Գուցե Ագուստինն ինքն է ուզում ի կատար ածել վճիռը, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Դե նա շատ է ատում Պաբլոյին։ Ես չեմ ատում, մտածեց նա։ Չէ, չեմ ատում։ Զզվում եմ, սակայն չեմ ատում։ Թեև աչքերը հանելու այդ պատմությունը ստիպում է, որ սկսես այլ կերպ մտածել։ Այնուամենայնիվ, իրենց գործն է, իրենց պատերազմն է։ Թեև այդ երկու օրը սրա ներկայությունը վտանգավոր է։ Բայց լավ է ես հեռու մնամ այս գործից, մտածեց նա։ Այսօր արդեն մի անգամ հիմար վիճակի մեջ ընկել եմ։ Ճիշտ է, ուզում եմ դրան վերացնել, բայց նախնական հիմար զրույցներ ոչ ես կվարեմ, ոչ էլ մյուսներին պետք է թույլ տամ։ Թե չէ ու սկսեն կրակել դինամիտի կողքին։ Ոչ մի նման հիմարություն։ Պաբլոն, հավանաբար, հաշվի առել է դա։ Իսկ դո՞ւ, ասաց ինքն իրեն։ Չես մտածել դրա մասին։ Ոչ էլ Ագուստինն է մտածել։ Դե ձեզ այդպես էլ պետք է։
 +
 +
― Ագուստին, ― ասաց նա։
 +
 +
― ի ՞նչ, ― ասաց Ագուստինը մռայլված և գլուխը շրջեց Պաբլոյից։
 +
 +
― Ուզում եմ խոսել հետդ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Հետո։
 +
 +
― Հիմա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Por favor:<ref>Խնդրում եմ (իսպ․)։</ref>
 +
 +
Ռոբերտ Ջորդանը գնաց դեպի քարայրի մուտքը։ Բարձրահասակ ու փոս ընկած այտերով Ագուստինը վեր կացավ ու գնաց նրա ետևից։ Շարժվում էր դժկամությամբ, արհամարհալից տեսքով։ Պաբլոն հայացքով հետևում էր նրան։
 +
 +
― Մոռացե՞լ ես, թե ինչ կա ուսապարկում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը շատ ցածր ձայնով, որպեսզի մյուսներ չլսեն։
 +
 +
― Ես քո, ― ասաց Ագուստինը։ ― Տե՛ս, ընտելացանք՝ մոռացա։
 +
 +
― Ես էլ էի մոռացել։
 +
 +
― Ես քո կաթը, ― ասաց Ագուստինը։ ― Leche! Այ քեզ հիմարանալ։ ― Մեծ֊մեծ քայլերով մոտեցավ սեղանին ու նստեց։ ― Խմենք, Պաբլո՛, խմենք, բարեկամս, ― ասաց։ ― Ձիերը ո՞նց են։
 +
 +
― Շատ լավ, ― ասաց Պաբլոն։ ― Բուքն էլ սկսեց հանդարտվել։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, կդադարի՞։
 +
 +
― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Ձյունն արդեն մանր հատիկներով է թափվում։ Քամին դեռ կշարունակի փչել, բայց ձյունը կդադարի։ Քամու ուղղությունը փոխվել է հիմա։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, վաղը երկինքը կբացվի՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Կբացվի, ― ասաց Պաբլոն։ ― Կարծում եմ ցուրտ կլինի, բայց պայծառ։ Քամին դեռ նորից կփոխի ուղղությունը։
 +
 +
Նայիր, ասաց Ռոբերտ Ջորդանն ինքն իրեն։ Տես ինչ սիրալիր է դարձել։ Քամու նման փոխել է ուղղությունը։ Ոճրագործ է, այն էլ ինչպիսի, դեմքին ես նայում՝ խոզ, իսկ զգայունությո՞ւնը, ամենակատարյալ ծանրաչափին իսկ չի զիջի։ Այո։ Ասենք խոզն էլ խելացի կենդանի է։ Ատում է մեզ Պաբլոն, գուցե սոսկ մեր ծրագրե՞րը, գուցե, և իր այդ ատելությունը դրսևորում է վիրավորանքներ հասցնելով, այնքան, որ արդեն պատրաստվում ես հաշիվը մաքրելու, և այստեղ, ահա, կանգ է առնում և իրեն այնպես պահում, կարծես ոչինչ չի եղել։
 +
 +
― Եղանակը կբացվի, մեր գործն էլ լավ կլինի, Ingles, ― ասաց Պաբլոն Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
― Մեր գործը, ― ասաց Պիլարը։ ― Մե՛ր։
 +
 +
― Այո՛, մեր, ― քմծիծաղեց Պաբլոն նայելով նրան ու մի կում գինի խմեց։ ― Այո՛։ Ես դրսում նորից ծանրութեթև արի։ Մենք ինչո՞ւ պետք է համաձայն չլինենք։
 +
 +
― Ի՞նչ բանի, ― հարցրեց կինը։ ― Ի՞նչ։
 +
 +
― Ամեն ինչի, ― ասաց Պաբլոն։ ― Կամրջի պայթեցմանը։ Ես ձեզ հետ եմ հիմա։
 +
 +
― Դու հիմա մեզ հե՞տ ես, ― ասաց Ագուստինը։  ― Քիչ առաջվա խոսքերից հետո՞։
 +
 +
― Այո՛, ― ասաց Պաբլոն։ ― Քամին ուղղությունը փոխեց, և հիմա ես ձեզ հետ եմ։
 +
 +
Ագուստինը տարուբերեց գլուխը։
 +
 +
― Քամին, ― ասաց նա ու նորից տարուբերեց գլուխը։ ― Մեզ հետ ես, ու մոռացա՞ր, որ ես խփեցի մռութիդ։
 +
 +
― Այո, ― քմծիծաղեց Պաբլոն և մատները տարավ շրթունքին։ ― Այո, մոռացա, և ձեզ հետ եմ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ուշադիր հետևում էր Պիլարին։ Կինը այնպես էր նայում Պաբլոյին, կարծես մի տարաշխարհիկ գազան լիներ դիմացը։ Նրա դեմքից տակավին չէր ջնջվել այն արտահայտությունը, որ հայտնվեց վիրավորի աչքերն հանելու մասին խոսակցությունից հետո։ Նա գլուխը թափ տվեց, կարծես ազատվելու համար այդ հիշողությունից, ու ասաց․
 +
 +
― Լսի՛ր։
 +
 +
― Ասա՛, կի՛ն։
 +
 +
― Ի՞նչ պատահեց քեզ։
 +
 +
― Ոչինչ, ― ասաց Պաբլոն։ ― Կարծիքս փոխեցի։ Ուրիշ ոչինչ։
 +
 +
― Դռան տակ կանգնած ականջ էիր դրել, հա՞, ― հարցրեց կինը։
 +
 +
― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Բայց ոչինչ չկարողացա լսել։
 +
 +
― Վախեցար, որ կսպանեն քեզ։
 +
 +
― Ոչ, ― ասաց նա և բարձրացած բաժակի վրայով նայեց կնոջը։ ― Ես դրանից չեմ վախենում։ Դու գիտես։
 +
 +
― Լավ, ի՞նչ պատահեց քեզ, ― ասաց Ագուստինը։ ― Դեռ քիչ առաջ հարբած բերանդ բացել էիր ու ինչ ասես ասում էիր, մեր մահն էիր ուզում, ամենակեղտոտ ձևով վիրավորում էիր կանանց, դեմ էիր մեր բռնած գործին․․․
 +
 +
― Հարբած էի, ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Իսկ հիմա՞։
 +
 +
― Հիմա հարբած չեմ, ― ասաց Պաբլոն։ ― Եվ փոխել եմ կարծիքս։
 +
 +
― Ով ուզում է, թող հավատա, ես քեզ չեմ հավատում, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ, ― ասաց Պաբլոն։ ― Բայց իմացիր՝ ինձնից բացի ոչ ոք չի կարող ձեզ Գրեգոս հասցնել։
 +
 +
― Գրեգո՞ս։
 +
 +
― Կամրջից հետո միայն Գրեգոսում կարելի է ապահով լինել։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց Պիլարին և ձեռքը տանելով ականջին, այնպես, որ Պաբլոն չնկատի, հարցական թփթփացրեց։
 +
 +
Կինը գլխով արեց։ Հետո մեկ էլ գլխով արեց ու ինչ֊որ բան փսփսաց Մարիայի ականջին․ աղջիկը մոտեցավ Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
― Ասում է անպայման լսել է մեր խոսակցությունը, ― ասաց Մարիան Ռոբերտ Ջորդանի ականջին։
 +
 +
― Ուրեմն, Պաբլո, ― ծանր֊ծանր ասաց Ֆերնանդոն, ― դու հիմա մեզ հետ ես և կողմնակից ես կամրջի պայթեցմանը։
 +
 +
― Այո, բարեկամս, ― ասաց Պաբլոն։ Նա նայեց ուղիղ Ֆերնանդոյի աչքերին ու գլխով արեց։
 +
 +
― Ճի՞շր ես ասում, ― հարցրեց Պրիմիտիվոն։
 +
 +
― De veras,<ref>Ճիշտ (իսպ․)։</ref> ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Եվ կարծում ես, որ հաջողությամբ կավարտվի՞, ― հարցրեց Ֆերնանդոն։ ― Դու հիմա դրան հավատո՞ւմ ես։
 +
 +
― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Իսկ դու չե՞ս հավատում։
 +
 +
― Հավատում եմ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Բայց ես սկզբից ևեթ հավատացել եմ։
 +
 +
― Դուրս գնամ, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Ցուրտ է դրսում, ― ասաց Պաբլոն բարեկամաբար։
 +
 +
― Գուցեև, ― ասաց Ագուստինը։ ― Բայց այլևս չեմ դիմանում այս manicomio֊յում։
 +
 +
― Գժանոց մի՛ անվանիր այս քարայրը, ― ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Manicomio է, ոճրագործների գժանոց, ― ասաց Ագուստինը։ ― Գնամ, քանի դեռ չեմ խելագարվել։
 +
 +
 +
==Գլուխ տասնութերորդ==
 +
 +
Ուրախ կարուսելի է նման, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Բայց ոչ այն կարուսելին, որ մթնշաղին Ավենյու֊դյու֊Մենի գազի լապտերների կապույտ լույսերի մեջ սրընթաց պտտվում է երգեհոնիկի երաժշտության տակ ոսկեզօծ եղջյուրներով ցլիկների մեջքերին հեծած ու ձողերին ամրացված օղակներից ամուր կառչած երեխաներ վրան։ Ոչ․ այս կարուսելը նման չէ նրան։ Այստեղ ոչ տապակած ձկան կրպակ կա, ոչ համարակալված հատվածների բաժանված բախտի անիվ, որի դիմաց շահումների համար նախատեսված սղոցած շաքարի տոպրակների բրգացած կույտեր են լինում, թեև այս մարդիկ նման են նրանց՝ բախտի անիվի դիմաց գլխարկները գլխներին քաշած տղամարդկանց և սվիտերներն հագին գազի լույսի տակ փայլփլացող մազերով կանգնած կանանց։ Այո, մարդիկ նույնն են։ Բայց անիվն ուրիշ է։ Սա բարձրանում է ու իջնում։
 +
 +
Երկու պտույտ գործեց մինչև այժմ։ Ամեն անգամ մի մեծ պտույտ է գործում և վերադառնում ելման կետը։ Դու էլ հետը բարձրանում ես, իջնում ու նորից կանգ առնում այնտեղ, որտեղից սկսել էիր պտույտդ։ Եվ ոչ էլ շահում կա, մտածեց նա, ո՞ւմ է պետք այսպիսի անիվի վրա պտտվելը։ Բայց և այնպես նստում ես ու պտտվում, և ամեն անգամ էլ ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչպես եղավ, որ նորից նստեցիր։ Ընդամենը մի պտույտ ես գործում, մի մեծ, էլիպսաձև պտույտ՝ բարձրանում ես, իջնում և վերստին այնտեղ ես, որտեղից սկսել էիր պտույտդ։ Հիմա նորից նույն տեղում ենք, և դարձյալ ոչ մի որոշակի բանի չենք հասել։
 +
 +
Քարայրում տաք էր, դրսում էլ քամին դադարել էր։ Ռոբերտ Ջորդանը հիմա նստել էր սեղանի դիմաց, հանել էր ծոցատետրը և մտորում էր կամրջի պայթեցման տարբերակների շուրջ։ Երեք սխեմա գծեց, բանաձևեր գրեց, հետո երկու գծանկար արեց, որոնց վրա մեկ առ մեկ պատկերեց, թե ինչ պետք է արվի կամուրջը պայթեցնելու համար, և դա այնքան պարզ ու հստակ էր, որ մատչելի էր նույնիսկ մանկապարտեզի երեխաներին։ Այդ գծանկարները Անսելմոյի համար էին, եթե պայթեցման ժամանակ իրեն մի բան պատահի, ծերունին կիմանա, թե ինչպես գործն ավարտին հասցնի։ Գծանկարներն արեց֊վերջացրեց և սկսեց ստուգել։
 +
 +
Մարիան նստել էր կողքին և իր ուսի վրայով նայում էր գծանկարներին։ Կլանված իր գործով՝ նա չէր նայում շուրջը, բայց զգում էր սեղանի մյուս ծայրին նստած Պաբլոյի ներկայությունը, լսում էր մյուսներին, որ թուղթ էին խաղում ու զրուցում, առնում էր քարայրում տարածված ածխի, ծխախոտի, կարմիր գինու և քրտինքի հոտը, որն հիմա փոխարինել էր ճաշի դեռ քիչ առաջ տիրող բույրին։ Երբ գծանկարն ավարտին էր արդեն հասնում, Մարիան ձեռքը դրեց սեղանին, Ռոբերտ Ջորդանը ձախ ձեռքով բարձրացրեց այն, մոտեցրեց դեմքին ու շնչեց ջրի ու ամանները լվանալիս ձեռքերին կպած հասարակ օճառի թարմ բույրը։ Հետո, առանց աղջկան նայելու, իջեցրեց ձեռքը և շարունակեց աշխատել ու չնկատեց աղջկա շիկնելը։ Մարիան ձեռքը հպեց նրա ձեռքին, բայց Ռոբերտ Ջորդանն այլևս չբարձրացրեց։
 +
 +
Հիմա, երբ պայթեցման նախագիծն ավարտել էր, ծոցատետրից մի նոր էջ պոկեց ու սկսեց գրել մարտական գործողության հրամանները։ Ուղեղը շատ պայծառ էր և դուր էր գալիս իրեն այն, ինչ գրում էր։ Երկու էջ գրեց, հետո ուշադիր ընթերցեց։
 +
 +
Երևի վերջ։ Լրիվ պարզ է, չեմ կարծում, որ որևէ բան աչքաթող արած լինեմ։ Պետք է ոչնչացվեն երկու պահակակետերը, պիտի պայթեցվի կամուրջը, սա էր Գոլցի հրամանը, սա է իմ պարտականությունը։ Պաբլոյի հետ կապված պատմության հետ ես գործ չունեմ, ի վերջո դա էլ այս կամ այլ կերպ կլուծվի։ Կլինի Պաբլոն, թե չի լինի՝ ինձ չի վերաբերում։ Ես այլևս այդ կարուսելը նստողը չեմ։ Երկու անգամ նստեցի և երկու անգամ էլ եկա նույն այն տեղը, որտեղ նստել էի, բավական է։
 +
 +
Ծոցատետրը փակեց ու նայեց Մարիային։
 +
 +
― Hola, guapa, ― ասաց աղջկան։ ― Գրածներիցս գլուխ հանեցի՞ր։
 +
 +
― Ոչ, Ռոբերտո, ― ասաց աղջիկն ու ձեռքը դրեց տղայի ձեռքին, որով նա մատիտն էր բռնել տակավին։ ― Վերջացրի՞ր։
 +
 +
― Այո։ Ամեն ինչ պատրաստ է, հրամանները գրված են։
 +
 +
― Ի՞նչ էիր անում, Ingles, ― հարցրեց Պաբլոն սեղանի մյուս ծայրից։ Նրա աչքերը նորից էին պղտորվել։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը սևեռուն հայացքով նայեց նրան։ Հեռու մնա այդ կարուսելից, ասաց ինքն իրեն։ Չնստես։ Տեսնում եմ այդ անիվը նորից է ուզում սկսել իր շրջապտույտը։
 +
 +
― Կամրջի պայթեցման նախագիծն էի կազմում, ― ասաց քաղաքավարի։
 +
 +
― Հետո՞, ո՞նց է, ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Շատ լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ լավ է։
 +
 +
― Իսկ ես նահանջն էի ծրագրում, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը նայեց նրա խոզի հարբած աչքերին, գինու թասին։ Թասն արդեն դատարկվում էր։
 +
 +
Քեզ հեռու պահի այդ անիվից, ասաց ինքն իրեն։ Նա նորից է սկսել խմել։ Հավատա՛, հաստատ բան եմ ասում։ Հեռու այդ անիվից։ Ասում են Գրնատն էլ պատերազմի ողջ ընթացքում խմում էր։ Երևի ճիշտ են ասում։ Եթե Գրանտը ճանաչած լիներ Պաբլոյին, հաստատ կկատաղեր այս համեմատությունից։ Գրանտը սիգար է ծխել։ Պաբլոն սիգարը բերանին, ա՛յ հետաքրքիր է։ Միայն սիգարն է պակաս, որ այս մռութը կատարյալ դառնա, կիսով չափ ծամված սիգար։ Եթե հնարավոր լիներ մի տեղից ճարել։
 +
 +
― Եվ ինչպե՞ս է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը քաղաքավարի։
 +
 +
― Շատ լավ, ― ասաց Պաբլոն գլխի ծանր ու խոհուն շարժումով։ ― Նահա՞նջն ես ծրագրել, ― հարցրեց Ագուստինը՝ խաղաքարտերը մի կողմ դնելով։
 +
 +
― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Տարբեր ծրագրեր ունեմ։
 +
 +
― Որտեղից էլ գտնում ես։ Երևի թասի միջից, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Թերևս, ― ասաց Պաբլոն։ ― Ո՞վ իմանա։ Մարիա՛, թասը լցրու, խնդրում եմ։
 +
 +
― Տիկի մեջ էլ լավ ծրագրեր կլինեն, խցկվի՛ր, այնտեղ էլ փնտրիր, ― ասաց Ագուստինը և շրջվեց ու նորից շարունակեց թղթախաղը։
 +
 +
― Չէ, ― ասաց Պաբլոն անվրդով։ ― Ես թասի մեջ կփնտրեմ։
 +
 +
Սա էլ է հեռու մնում անիվից, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Դատարկ է պտտվելու։ Երևի դժվար է երկար ժամանակ այդ պտույտին դիմանալը։ Երևի վտանգավոր է։ Դե լավ է, որ մեզ հեռու պահեցինք։ Երկու անգամ գլխապտույտ ունեցա, բավական է։ Մարդ կամ հարբած պիտի լինի, կամ էլ իսկապես ստոր ու դաժան, որպեսզի մինչև մեռնելը պտտվի այդ անիվի վրա։ Միշտ նույն շրջապտույտն է՝ վերև, ներքև, գուցե մեկ֊մեկ ավելի թափով, բայց վախճանը նույնն է՝ հասնում ես այնտեղ, որտեղից սկսել էիր պտույտդ։ Թող պտտվի, պտտվի իր համար, մտածեց նա, ես այդ անիվին մոտիկ չեմ գա։
 +
 +
Պիլարը նստել էր օջախի դիմաց, շրջվել էր ու խաղացողներից երկուսի ուսերի վրայով հետևում էր թղթախաղին։
 +
 +
Ահա և փոխվեց ամեն ինչ, մահագուշակ լարվածությունը չքացավ և կյանքը մտավ ընտանեկան բնականոն ընթացքի մեջ։ Ամենից ավելի տարօրինակը սա է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Երբ այդ անիծյալ անիվը գալիս է ցած, քեզանից անկախ մտնում ես խաղի մեջ։ Բայց այլևս ես դրան մոտիկ գնացողը չեմ, մտածեց նա։ Ոչ ոք չի կարող ինձ այդ խաղի մեջ ներքաշել։
 +
 +
Ընդամենը երկու օր առաջ ոչ այս Պիլարին էի ճանաչում, ոչ Պաբլոյին, ոչ էլ մնացածներին, մտածեց նա։ Ինձ համար աշխարհում Մարիա գոյություն չուներ։ Աշխարհն էլ, անշուշտ, շատ ավելի պարզ էր։ Գոլցն ինձ տվել էր հրահանգներ, որոնք շատ հստակ էին, և թվում էր, թե հանձնարարությունը լիովին հնարավոր է իրականացնել, թեև կարող էին որոշ դժվարություններ լինել և անսպասելի հետևանքներ։ Ես մտածում էի, որ կամրջի պայթեցումից հետո կարող եմ մնալ այս կողմերում, կարող եմ և վերադառնալ ու խնդրել, որ մի քանի օրով մեկնեմ Մադրիդ։ Պատերազմի ժամանակ արձակուրդներ չեն տրվում, բայց կարծում եմ, որ կթույլատրեին ինձ երկու֊երեք օր Մադրիդում անցկացնել։
 +
 +
Մտածում էի, որ Մադրիդում մի քանի գիրք կգնեմ, Ֆլորիդա հյուրանոցում մի սենյակ կվերցնեմ, բարապան Լյուիսին կուղարկեմ, որպեսզի մի շիշ աբսենթ ճարի Մանտեկերիաս Լեռնեսասի մոտից կամ Գրան Վիա պողոտայի շրջակայքի խանութներից, մի տաք լոգանք կընդունեմ, կպառկեմ անկողնիս մեջ, մի երկու բաժակ աբսենթ կխմեմ ու կկարդամ, հետո կզանգահարեմ Գեյլորդ ու կիմանամ, թե կարելի՞ է գնալ մի բան ուտել։
 +
 +
Գրան Վիայում չարժի ճաշել, նախ որ ուտելիքները բանի նման չեն, հետո էլ պետք է ժամանակին գնաս, թե չէ ոչինչ մնացած չի լինի։ Բացի այդ, երբ էլ այնտեղ լինես, ծանոթ լրագրողները վխտում են, անընդհատ պիտի զգուշանաս, որպեսզի բերանիցդ մի բան չթռցնես։ Մի քիչ աբսենթ կխմեմ, այնքան, որ զրուցելու տրամադրություն ունենամ, հետո կգնամ Գեյլորդ, որտեղ ուտելիքներն էլ լավ են, գարեջուրն էլ գարեջուր է, կճաշեմ Կարկովի մոտ, ռազմական իրադարձություններից էլ որոշ բաներ կիմանամ։
 +
 +
Առաջին անգամ երբ այցելել էր Գեյլորդ, որտեղ հիմնականում ռուսներ էին, ընդվզել էր, ինչո՞ւ պաշարման վիճակում գտնվող քաղաքում նման շքեղություն և այդքան լավ ուտելիքներ լինեն, բացի այդ, խոսակցություններն էլ շատ ցինիկ էին թվացել, պատերազմական օրերին բոլորովին ոչ վայել։ Բայց շատ հեշտ կաշառվեցի, հանգիստ շուռ եկա, մտածեց նա։ Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է մարդ այսպիսի հանձնարարությունից հետո գոնե մի համեղ ճաշ չուտի։ Խոսակցություններն էլ, որոնք սկզբնական շրջանում ցինիկ տպավորություն էին թողել, հիմա ավելի քան տեղին էին թվում։ Այս օրերի մասին էլ կարելի է պատմել Գեյլորդում, մտածեց նա, երբ այս ամենը վերջանա։ Այո, երբ վերջանա։
 +
 +
Իսկ եթե՞ Մարիայի հետ գնամ Գեյլորդ։ Չէ։ Միտք չունի։ Թող մնա հյուրանոցում, տաք լոգանք ընդունի ու հանգստանա, մինչև վերադառնամ։ Այո, այդպես, իսկ երբ արդեն նրա մասին պատմած կլինես Կարկովին, միասին կգնաք, որովհետև հետաքրքրասիրությունը նրան հանգիստ չի տա մինչև չտեսնի։
 +
 +
Գուցե բոլորովին էլ չգնաս Գեյլորդ, հա՞, այլ Գրան Վիայում արագ մի բան ուտես ու վերադառնաս Ֆլորիդա։ Բայց չէ, ինքդ էլ գիտես, որ կգնաս, որովհետև այս ամենից հետո կուզենայիր նորից ճաշակել այն ուտելիքները, վայելել այն հեշտանքն ու ճոխությունը։ Կգնաս, հետո կվերադառնաս Ֆլորիդա, Մարիայի մոտ։ Նա կլինի այնտեղ, անպայման այնտեղ կլինի, երբ այս ամենը վերջանա։ Երբ այս ամենը վերջանա։ Այո, երբ այս ամենը վերջանա։ Երբ այս գործը հաջողությամբ գլուխ բերես, անպայման իրավունք կունենաս Գեյլորդում մի լավ ճաշելու։
 +
 +
Գեյլորդում դու հանդիպեցիր բանվորական և գյուղացիական ծագում ունեցող իսպանացի նշանավոր զորահրամանատարների, որոնք պատերազմի սկզբին դուրս էին եկել ժողովրդի ընդերքից և առանց նախնական զինվորական պատրաստության դարձել էին հրամանատարներ, և հանկարծ, մի ամիս առաջ էր, հայտնագործեցիր, որ նրանցից շատերը ռուսերեն են խոսում։ Դա եղավ առաջին լուրջ հիասթափությունդ և ողջ գործի նկատմամբ քո վերաբերմունքի մեջ ինչ֊որ ցինիկ բան երևաց, բայց հետո, երբ հասկացար պատճառը, ամեն ինչ տեղն ընկավ։ Դրանք իրոք բանվորներ ու գյուղացիներ են, որոնք 1934 թվականին, Հեղափոխության պարտությունից հետո, հարկադրված հեռացել էին երկրից, գնացել Ռուսաստան և ռազմական ակադեմիայում կրթություն ստացել, որպեսզի հաջորդ անգամ պատրաստ լինեն կռվելու՝ արդեն որպես հրամանատարներ։
 +
 +
Հեղափոխության ժամանակ օգնության ձեռք մեկնողներին պետք չէ օտարական համարել, և պետք չէ կարծել, որ դու ավելի գիտես, քան ենթադրվում է։ Նա յուրացրել էր այս բանը։ Եթե որևէ երևույթ ըստ ամենայնի ճշմարիտ է, դրան ուղեկցող ստերին պետք չէ նշանակություն տալ։ Իսկ ստերը միշտ էլ վխտում են։ Սկզբում տանել չէր կարողանում։ Ատում էր սուտ պատմությունները։ Հետո սկսեց սիրել։ Ի՞նչ կա որ, դա էլ կյանքի անբաժան մասն է, և շատ էլ հաճելի գործ է։
 +
 +
Գեյլորդում էր, որ իմացավ, թե Վալենտին Գոնսալեսը, հայտնի Էլ Կամպեսինո, այսինքն՝ գյուղացի, մականվամբ, բնավ էլ գյուղացի չի եղել, այլ օտարազգիների իսպանական լեգեոնի նախկին սերժանտ է, որ դասալիք է դարձել, անցել Աբդէլ֊Քերիմի կողմն ու կռվել իսպանացիների դեմ։ Այդպես էլ կարող է լինել։ Ինչո՞ւ չի կարող։ Նման պատերազմում իսկական գյուղացի առաջնորդն անհրաժեշտություն էր առաջին իսկ օրվանից, բայց իսկապես գյուղացի առաջնորդը կարող է շատ նման լինել Պաբլոյին։ Ինչքա՞ն սպասես, որ իսկական գյուղացի առաջնորդ հայտնվի և հայտնվելուց հետո էլ չափից ավելի գյուղացի չլինի։ Ուրեմն պիտի մեկնումեկին սարքես։ Առաջին անգամ, երբ տեսավ սևամորուս, հաստ, նեգրական շուրթերով, կրակոտ ու անհանգիստ աչքերով Կոմպեսինոյին, մտածեց, որ սա կարող է նույնքան անհանգստություն պատճառել, ինչքան իսկական գյուղացի առաջնորդը։ Վերջին հանդիպման ժամանակ այնպիսի տպավորություն էր ստացել, որ Կոմպեսինոն ինքն էլ հավատում է իր մասին տարածված լուրերին, իր գյուղացիական ծագմանը։ Հանդուգն, ուժեղ մարդ էր։ Ավելի հանդուգն մարդու չէր հանդիպել կյանքում։ Բայց, աստված իմ, ինչքա՜ն էր խոսում։ Իսկ երբ զայրանում էր, բոլորովին դադարում էր իր անխոհեմ խոսքերի հետևանքների մասին մտածելուց, ինչ գալիս էր բերանը, ասում էր։ Իսկ հետևանքները շատ հաճախ էին տխուր լինում։ Հիանալի բրիգադային հրամանատար էր, նույնիսկ այնպիսի դրություններում, երբ պարզ երևում էր, որ ամեն ինչ կորած է, նա կռվում էր, նրա մտքով իսկ չէր անցնում, որ կորած է, և դուրս էր գալիս անհուսալի վիճակից։
 +
 +
Գեյլորդում էր դարձյալ, որ հանդիպեցիր գալիսիացի հասարակ որմնադիր Էնրիկե Լիստերին, որն հիմա դիվիզիայի հրամանատար է։ Նա էլ էր ռուսերեն խոսում։ Հանդիպեցիր անդալուզիացի ատաղձագործ Խուան Մոդեստոյին, նա այդ օրերին դարձել էր բանակի կորպուսի հրամանատար։ Կարծում եմ, որ նա էլ ռուսերենը Պուերտո դե Սանտա Մարիայում չէր սովորել, եթե, իհարկե, Բերլիցի դպրոց չէին բաց արել այնտեղ ատաղձագործների համար։ Երիտասարդ հրամանատարների միջից ռուսներն ամենից ավելի նրան էին վստահում, որովհետև իսկական կուսակցական էր, «հարյուր տոկոսանոց է», հպարտությամբ օգտագործում էին նրանք այս ամերիկաբանությունը, երբ խոսք էր լինում նրա մասին։
 +
 +
Գեյլորդն անպայման այն վայրն էր, որի կարիքը դու ունեիր ուսումնառությունդ ամբողջական դարձնելու համար։ Այնտեղ էր, որ դու իմացար, թե իրականում ինչպես է ամեն ինչ տեղի ունենում, ի հակադրություն մեր ենթադրությունների։ Նոր էիր սկսել ուսումնասիրությունդ, հետաքրքիր է, կհաջողվի՞ շարունակել։ Գեյլորդում ձեռք բերած գիտելիքները առողջ էին, օգտակար, այն էին, ինչի կարիքն ինքն ուներ։ Սկզբում, երբ տակավին հավատում էր ամեն մի անհեթեթության, ցնցվել էր։ Բայց հիմա, որ բավականաչափ գիտելիքներ ունի, ընդունում է նաև ստի անհրաժեշտությունը, գեյլորդյան ուսումնառությունը միայն և միայն ամրապնդել է այն հավատը, որ իր բռնած գործը ճշմարիտ է։ Հաճելի է, երբ գիտես, թե իրականում ինչն ինչպես է, և ոչ թե այն, ինչ ներկայացվում է։ Պատերազմի ժամանակ սուտը միշտ էլ եղել է։ Բայց Լիստերի, Մոդեստոյի և Էլ Կամպեսինոյի մասին ճշմարտությունը ավելի լավ է, քան ստերն ու առասպելները։ Մի օր, անշուշտ, բոլորն էլ կիմանան ճշմարտությունը, իսկ առայժմ գոհ է, որ կա մի Գեյլորդ, որտեղ հիմա էլ նա կարող է իմանալ դա։
 +
 +
Այո, դա այն վայրն է Մադրիդում, ուր պիտի այցելեր, երբ գրքերը գնած լիներ, տաք լոգանք ընդունած, երկու բաժակ խմած ու մի քիչ կարդացած։ Բայց այս ծրագիրը կազմված էր նախքան Մարիայի հայտնվելը։ Դե լավ։ Հիմա արդեն երկու սենյակ կզբաղեցնեն, իսկ Մարիան թող մի բան անի, մինչև ինքը վերադառնա Գեյլորդից։ Այսքան ժամանակ սպասել է սարերում, մի քիչ էլ Ֆլորիդա հյուրանոցում թող սպասի։ Երեք օր Մադրիդում կլինեն։ Ահագին ժամանակ է երեք օրը։ Մարիային կտանի կինոթատրոն, կնայեն «Մարքս եղբայրներն օպերայում» կինոնկարը, որն արդեն երեք ամիս է, ինչ չի իջնում էկրաններից և երևի երեք ամիս ևս կցուցադրվի։ Մարիային դուր կգա «Մարքս եղբայրներն օպերայում» կինոնկարը, մտածեց նա։ Շատ դուր կգա։
 +
 +
Երկար էր ճանապարհը Գեյլորդից մինչև այս քարանձավը։ Ոչ, երկարը դա չէր։ Երկարն այս քարանձավից Գեյլորդ տանող ճանապարհն է լինելու։ Առաջին անգամ Կաշկինն իրեն տարավ այնտեղ։ Կաշկինն ասաց, որ պետք է հանդիպել Կարկովի հետ, որովհետև նա ուզում է ծանոթանալ ամերիկացիների հետ, և որովհետև ինքը Լոպե դե Վեգայի ամենամեծ երկրպագուն է աշխարհում ու այն կարծիքին է, որ «Ոչխարի աղբյուրից» ավելի մեծ թատերական երկ չի գրվել։ Գուցե այդպես է, բայց ինքը՝ Ռոբերտ Ջորդանը, այդ կարծիքին չի եղել։
 +
 +
Կարկովն իրեն դուր էր եկել, բայց Գեյլորդը՝ ոչ։ Կարկովն իր ճանաչած մարդկանցից ամենախելացին էր։ Երկարաճիտ, հեծելազորային սև սապոգներով, գորշ բրիջով ու գորշ կիտելով, թուլակազմ, բարալիկ ձեռքերով ու բարալիկ սրունքներով այդ մարդը երբ խոսել սկսեց՝ փտած ատամների արանքներից թուքը շաղ տալով, առաջին տպավորությունն այն էր, որ դա կատակերգակ դերասան է։ Սակայն մտքի այնպիսի հարստություն էր նկատվում, այնպիսի ներքին արժանապատվություն, արտաքին ամբարտավանություն և հումոր, որ Ռոբերտ Ջորդանը իրեն ծանոթ մարդկանցից ոչ մեկի մոտ չէր նկատել մինչ այդ։
 +
 +
Սատանան գիտի, թե Կաշկինն ինչեր էր ասել իր մասին Կարկովին, որ սա վիրավորական լինելու աստիճան քաղաքավարի էր։ Սոսկ այն բանից հետո, երբ Ռոբերտ Ջորդանը ոչ միայն հերոս չխաղաց, ընդհակառակը, մի դեպք պատմեց, որտեղ ինքը ոչ միայն ծիծաղելի, այլ նույնիսկ արգահատելի վիճակում էր ներկայանում, Կարկովի քաղաքավարությունը փոխարկվեց նախ թեթև անպարկեշտության, հետո անբարտավանության, և բարեկամացան։
 +
 +
Գեյլորդը, որի parte cochere<ref>Դարպաս (ֆր․)։</ref>֊ի առաջ սվիններով պահակներ են կանգնում, երևի այս գիշեր էլ ամենահաճելի ու ամենահանգստավետ տեղն է պաշարված Մադրիդում։ Այնտեղ կուզենար լինել այս գիշեր և ոչ թե այստեղ։ Թեև հիմա, երբ կանգ է առել անիվը, այստեղ էլ լավ է։ Ձյունն էլ է դադարել։
 +
 +
Կուզենար իր Մարիային ցույց տալ Կարկովին, բայց նախքան այդ պետք է հարցներ, տեսներ, թե ինչպես են այս գործից հետո իրեն ընդունում։ Հարձակման ավարտից հետո Գոլցն այնտեղ կլինի, և եթե ինքն էլ հաջողությամբ վերջացրած լինի գործը, իր մասին ամեն ինչ իմացած կլինեն Գոլցից։ Ա՛յ, թե ձեռ կառնի Գոլցն իրեն Մարիայի հաշվով։ Ո՞նց էր ասում՝ «ոչ մի աղջիկ»։
 +
 +
Ձեռքը մեկնեց ու բաժակը սուզեց Պաբլոյի դիմաց դրված գինու թասի մեջ։
 +
 +
― Քո թույլտվությամբ, ― ասաց նրան։
 +
 +
Պաբլոն գլխով արեց։ Ռազմական հետազոտություններով է զբաղված, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը, պատկերացնում եմ։ Սա իր խնդրի լուծումն է փնտրում գինու թասի մեջ և ոչ թե սին փառք թնդանոթի երախում։ Բայց երևի շան որդին շատ ընդունակ է, որ կարողացել է այսքան ժամանակ հաջողությամբ գործել իր խմբով այս սարերում։ Նայեց, նայեց Պաբլոյին ու սկսեց մտածել՝ տեսնես ինչպիսի՞ պարտիզանական հրամանատար կլիներ սա Ամերիկայի քաղաքացիական կռիվների ժամանակ։ Այդ օրերին շատ հրամանատարներ են եղել։ Բայց նրանց մասին շատ քիչ բան գիտենք։ Խոսքը Քուոնթրիլի, Մոսբիի մասին չէ, ոչ էլ իր պապի, այլ փոքրերի, խմբակների հրամանատարների։ Ի դեպ, խմելու վերաբերյալ։ Կարծո՞ւմ ես, որ Գրանտն իսկապես հարբեցող է եղել։ Պապը հայտարարում է ու պնդում, որ եղել է։ Պապն ասում էր, որ Գրանտը կեսօրից հետո, ժամը չորսի կողմերը, միշտ էլ մի քիչ գինով էր, իսկ Վիկսբուրգի պաշարման ժամանակ երկու օր լրիվ հարբած վիճակում է եղել։ Բայց միաժամանակ պապն ասում էր, որ Գրանտն ինչքան էլ խմած լիներ, դատողությունը չէր կորցնում, դժվար էր միայն նրան արթնացնելը։ Եթե կարողանայիր արթնացնել, կտեսնեիր, որ բոլորովին սթափ է։
 +
 +
Այս պատերազմում կռվող կողմերից ոչ մեկն առայժմ ոչ Գրանտ ունի, ոչ Շերման, ոչ Ստոնուել Ջեքսոն։ Չունեն։ Չկա և Ջեբ Ստյուարտ։ Ոչ էլ Շերիդան։ Իսկ ահա Մակ Կլելաններ՝ ինչքան ասես։ Ֆաշիստները Մակ Կլելաններ շատ֊շատ ունեն։ Մենք՝ առվազն երեքը։
 +
 +
Ռազմական հանճարներ չհայտնվեցին այս պատերազմի ընթացքում։ Ոչ մի։ Նույնիսկ մոտավոր չափով։ Մադրիդի պաշտպանության ժամանակ Կլեբերը, Լուկաշն ու Հանսը լավ գործեցին որպես ինտերնացիոնալ բրիգադների հրամանատարներ, բայց հետագայում այդ ծեր, ճաղատ, ակնոցավոր, ինքնագոհ, բվեճի նման հիմար, տաղկտկալի֊տաղկտկալի խոսող, ցլի պես համարձակ ու ցլի պես բութ Միախան, որին պրոպագանդելով սարքեցին Մադրիդի պաշտպան, նախանձեց Կլեբերի ժողովրդականությանն ու ռուսներին ստիպեց, որ նրան հանեն իր մոտից և ուղարկեն Վալենսիա։ Կլեբերը լավ զինվոր էր, բայց սահմանափակ ու իր զբաղեցրած պաշտոնի համար չափից ավեի շատախոս։ Գոլցը լավ հրամանատար է և հիանալի զինվոր, բայց նրան միշտ ստորադրյալի վիճակում են պահել, երբեք չեն թողել, որ ինքնուրույն գործի։ Սա ռազմական առաջին մեծ գործողությունն է, որ վստահել են նրան, բայց այն, ինչ այս երկու օրը լսում էր Ռոբերտ Ջորդանը հարձակման վերաբերյալ, շատ հաճելի չէր։
 +
 +
Պիտի ուզենար տեսած լինել Գվադալախարայի մյուս երեսին, սարահարթի վրա մղված ճակատամարտը, որտեղ իտալացիները ջարդ կերան։ Այն ժամանակ ինքը Էսթրեմադուրայում էր։ Սրանից երկու շաբաթ առաջ, երեկոյան Հանսը Գեյլորդում մանրամասն պատմեց իրեն այդ ճակատամարտի մասին։ Եղել է մի պահ, որ թվացել է, թե ճակատամարտը տանուլ են տվել, դա այն պահն էր, Տրիխունեկի մոտ իտալացիները ճեղքել էին ռազմաճակատային գիծը, և եթե նրանց հաջողվեր կտրել Տորիխայից Բրիհուեգա տանող ճանապարհը, Տասնմեկերորդ բրիգադը կմեկուսացվեր։ «Բայց իմանալով, որ մեր դիմացն իտալացիներ են, ասաց Հանսը, մենք ձեռնարկեցինք մի գործողություն, որն արդարացում չէր ունենա, եթե ուրիշ զորքեր լինեին մեր դիմաց։ Եվ հաջողության հասանք»։
 +
 +
Ռազմական քարտեզների վրա Հանսը ցույց էր տվեկ այդ ամենը։ Նա երբեք չէր բաժանվում այդ քարտեզներից, դրանք միշտ իր պայուսակում էին, և մինչև օրս էլ ռազմական այդ հրաշք֊գործողության դրոշմած երանության ու հիացմունքի արտահայտությունը մնում է նրա դեմքին։ Հանսը հիանալի զինվոր է, լավ էլ ընկեր։ Այդ ճակատամարտում և՛ Լիստերի, և՛ Մոդեստոյի, և՛ Կամպեսինոյի իսպանական զորամասերը լավ էին կռվել, և դա, ասում էր Հանսը, պետք է վերագրել ոչ միայն նրանց հրամանատարների շնորհքին, այլև այն խիստ կարգապահությանը, որ նրանք հաստատել էին իրենց զորամասերում։ Սակայն ինչպես Լիստերը, այնպես էլ Կամպեսինոն ու Մոդեստոն, գործել էին ռուս զինվորական խորհրդատուների հրահանգներով։ Նրանք նման էին երկտեղանոց ինքնաթիռներում թռչող նոր սովորող օդաչուների, որոնց սխալները կարող են ուղղել կողքին նստած դասատուները։ Այս տարի արդեն կերևա, թե ինչպես կամ ինչ չափով են այդ աշակերտները յուրացնել դասերը։ Շուտով պետք է ինքնուրույն գործեն, տեսնենք ոնց են դիվիզիաներ ու կորպուսներ ղեկավարելու։
 +
 +
Նրանք կոմունիստներ էին և երկաթյա կարգապահության կողմնակիցներ։ Դրա շնորհիվ կարողացել էին լավ զինվորներ ունենալ։ Կարգապահության հարցում դաժան էր հատկապես Լիստերը, և նրան հաջողվել էր այդ միջոցով դիվիզիան դարձնել իսկական մարտական միավոր։ Մի բան է դիրքերը պահել կարողանալը, մի այլ բան՝ թշնամական դիրքերը գրոհելն ու գրավելը, իսկ ամբողջ բանակով ռազմադաշտում մանևրելն արդեն բոլորովին ուրիշ բան է, մտածեց Ռոբերտ Ջորդանը՝ նստած այստեղ, սեղանի դիմաց։ Ինչքան ես գիտեմ Լիստերին, հազիվ թե նա կարողնա առանց կողքից եկող հրահանգների գործել։ Բայց երևի հրահանգներն առայժմ չկան, մտածեց նա։ Չեմ կարծում, թե կգնան։ Դեռ կարող են նույնիսկ ավելի ամուր նստել։ Տեսնես ռուսներն ի՞նչ են մտածում, այս ամենի մասին։ Գեյլորդում կարելի է իմանալ, մտածեց նա։ Գեյլորդում ես կարող եմ իմանալ ինձ համար չափազանց կարևոր հարցերի պատասխանները։
 +
 +
Մի ժամանակ նա մտածում էր, որ գեյլորդյան այցելությունները կարող են վնասակար ազդեցություն ունենալ իր վրա։ Գեյլորդը ուղղակի հակապատկերն էր Ինտերնացիոնալ բրիգադների մայրաքաղաքի շտաբի, որը տեղավորված էր Մադրիդի պալատում, Վելասկես 63։ Այնտեղ կրոնական մոլեռանդության հասնող անաղարտ կոմունիստականության մթնոլորտ էր։ Գեյլորդում նման բան չկար։ Վելասկես 63֊ում, որտեղ բանակի վերակառուցումից ու բրիգադների բաժանվելուց առաջ հինգերորդ գնդի շտաբն էր տեղավորված, վանական ուխտի անդամ էիր քեզ զգում։
 +
 +
Այնտեղ, և՛ նախկին, և՛ այժմյան շտաբում, քեզ զգում էիր խաչակրաց արշավանքի մասնակից։ Այո՛, խաչակիր, հենց դա է, բայց այս բառն էլ այնքան է մաշված ու վարկաբեկված, որ իր իսկական իմաստով հիմա արդեն չի ընկալվում։ Չնայած այնտեղ տիրող բյուրոկրատության ու անկարության մթնոլորտին, չնայած ներկուսակցական գզվռտոցներին, հենց Վելասկես 63֊ում առաջին անգամ դու ունեցար մի զգացողություն, որին սպասում էիր այն օրվանից, որ հաղորդվեցիր այս գործին։ Դա աշխարհի բոլոր ճնշվածների դատին նվիրաբերվելու զգացողությունն էր։ Մի բան, որի մասին բարձրաձայն արտահայտվելը նույնքան դժվար է ու անհարմար, ինչքան կրոնական արբեցության, զմայլանքի, բայց և միաժամանակ, այդ զգացողությունը նույնքան ճշմարիտ է, նույնքան անեղծ, ինչքան այն, որ ունեցար, երբ Բախ լսեցիր, երբ կանգնած Շարտրի ու Լեոնի տաճարներում տեսար մեծ պատուհաններից ընկնող լույսի հեղեղը, կամ երբ Մանտենյայի, Գրեկոյի ու Բրեյդելի գեղանկարչական ստեղծագործություններն էիր դիտում Պրադոյում։ Այդ զգացողությունը քեզ մասն դարձրեց մի գործի, որին դու ամբողջ էությամբ ու անվերապահորեն հավատացիր, դա քեզ եղբայրական կապով կապեց այն մարդկանց հետ, որոնք նույնպես նվիրվել էին այդ գործին։ Նախկինում ծանոթ չէր քեզ այդ զգացողությունը, այժմ, սակայն, գիտես, և դա, ինչպես և դրան ծնողն պատճառներն այնքան կարևոր են հիմա քեզ համար, որ արդեն բացարձակապես նշանակություն չես տալիս քո մահվան, իսկ եթե խուսափում ես մահից, ապա որպեսզի կարողանաս կատարել պարտքդ։ Եվ ամենից լավն այն էր, որ այդ զգացողության համար, այդ անհրաժեշտության համար կար մի բան, որ դու կարող էիր անել։ Դու կարող էիր կռվել։
 +
 +
Եվ կռվեցիր, մտածեց նա։ Եվ նրանցից ոչ մեկի մոտ, ովքեր արիաբար կռվեցին ու կենդանի մնացին, այդ զգացողությունն հիմա արդեն նախկին անաղարտությունը չունի։ Իսկ ընդամենը վեց ամիս է անցել։
 +
 +
Այդ առաջին զգացողությունը վերստին ունենում ես պաշարված քաղաքի կամ դիրքի պաշտպանության ժամանակ։ Այդպես եղավ, երբ տեղի էին ունենում Սիեռայի մարտերը։ Իսկական հեղափոխական համերաշխություն էր։ Երբ առաջին անգամ կարգապահությունն ուժեղացնելու անհրաժեշտություն ծագեց այնտեղ, ինքը այդ բանը հասկացավ և հավանություն տվեց։ Գտնվել էին թուլամորթներ, որոնք փախուստի էին դիմել, երբ սկսվել էր հրետանակոծությունը։ Տեսավ, թե ինչպես գնդակահարեցին դրանց ու անթաղ թողեցին ճանապարհի եզրին՝ վերցնելով փամփուշտներն ու այն իրերը, որոնք կարող էին պետք գալ։ Եվ ճիշտ վարվեցին, որ վերցրեցին փամփուշտները, կոշիկներն ու կաշվի բաճկոնները։ Բանական արարք էր։ Ինչո՞ւ թողնեին, որ անարխիստներին բաժին ընկնեն։
 +
 +
Փախուստի դիմածների գնդակահարությունը արդարացի թվաց նրան, ճիշտ, անհրաժեշտ։ Ոչ մի սխալ բան չկար այդտեղ։ Նրանց փախուստը եսասիրություն էր։ Ֆաշիստները գրոհել էին, և մենք հազիվ կարողացել էինք կասեցնել նրանց առաջխաղացումը զառիթափի վրա, գորշ ժայռերի մոտ, Գվադառամայի սարերի սոճուտների ու փշուտների մեջ։ Ինքնաթիռները ռմբակոծում էին, հրետանին արկեր էր տեղում, բայց մենք պահել էինք ճանապարհը և օրվա վերջին անցանք հակահարձակման, ու մի խումբ զինվորներով, որ կենդանի էինք մնացել, ետ մղեցինք թշնամուն։ Քիչ անց նրանք փորձեցին ժայռերի ու ծառերի հովանու տակ մեր ձախ թևում առաջ շարժվել, մենք պատսպարվեցինք առողջարանում և շարունակեցինք կրակել պատուհաններից ու տանիքից, թեև նրանք երկու կողմից մեզ վերցրել էին կրակի տակ ու մենք գիտակցում էինք, թե դա ինչ է նշանակում, բայց կռվում էինք, և կռվեցինք, մինչև որ մերոնք եկան ու նորից ետ շպրտեցին նրանց դեպի ճանապարհի մյուս կողմը։
 +
 +
Այն ժամանակ, երբ սարսափից թուքդ բերանումդ չորացել էր, երբ թափվող ծեփի փոշին պատել էր չորսբոլորը, երբ ամեն վայրկյան ահ ու դողով սպասում էիր, որ շենքն հիմա փուլ է գալու, ահա այդ ժամանակ արկերի պայթյուններից առաջացած ցոլքից ու աղմուկից ցնորված վիճակում, մի կողմ քաշեցիր դեռ հենց քիչ առաջ գնդացրից կրակող զինվորին, բերանքսիվայր ընկար քար ու ծեփի կտորտանքների վրա, գլուխդ թաքցրեցիր վահանակի ետևում, վերացրեցիր գնդացրի փողն ուղղեցիր ճանապարհի կողմը։ Դու արեցիր այն, ինչ պետք է անեիր, հասկացար, որ դա է ճիշտը։ Դու իմացար, թե ինչպես է թուքը չորանում բերանում, ինչպես է սարսափը մաքրագործում, ինչպիսի ինքնամոռացությամբ է մարդ կռվում, այդ ամառ ու այդ աշունը դու կռվեցիր հանուն աշխարհի բոլոր չքավորների, կռվեցիր ընդդեմ բոլոր տեսակի բռնապետությունների, հանուն այն ամենի, ինչի որ հավատում էիր և այն աշխարհի, որ նոր էիր բացահայտում քեզ համար։ Այդ աշուն դու հասկացար, որ կարելի է տոկալ, կարելի է արհամարհել դժվարությունները՝ և՛ ցուրտն ու անձրևը, և՛ ցեխն ու խրամատները, և՛ ամրաշինական աշխատանքները։ Այն զգացողությունը, որ դու ունեցար այդ ամռան ու այդ աշնան օրերին, մնաց հոգնածության, անքնության, ջղային, լարվածության ու բազմաթիվ այլ դժվարությունների հաստ շերտի տակ։ Բայց մնաց, և այն բոլոր փորձությունները, որոնց միջով դու անցար, օգնեցին, որ ավելի հաստատ ու ամուր լինի այդ զգացողությունը։ Այդ օրերին դու համակվել էիր խոր, անաղարտ ու անձնուրաց հպարտության զգացումով, պատկերացնո՞ւմ ես, ասաց ինքն իրեն, թե ինչ տաղտկալի մարդու տպավորություն կթողնեիր դու այն ժամանակ Գեյլորդում։
 +
 +
Չէ, այն ժամանակ դու Գեյլորդի համար հարմար այցելու չէիր։ Շատ էիր միամիտ։ Երանության մեջ կարծես լինեիր։ Բայց երևի այն ժամանակ ոչ էլ Գեյլորդն էր այսպիսին։ Իհարկե, այսպիսին չէր, ասաց ինքն իրեն։ Բոլորովին։ Եվ առհասարակ ոչ մի Գեյլորդ չի եղել այն ժամանակ։
 +
 +
Այն օրերի մասին Կարկովը պատմել է։ Ռուսներն ապրել են Պալաս հյուրանոցում։ Այն ժամանակ նրանցից ոչ մեկին ինքը չէր ճանաչում։ Դա մինչև պարտիզանական ջոկատների կազմակերպումն էր։ Կաշկինին ու մյուս ռուսներին հետո հանդիպեց։ Կաշկինը կռվել է հյուսիսում՝ Իրունում,  Սան֊Սեբաստիանում, մասնակցել է Վիտորիայի համար մղված անհաջող մարտերին։ Ինքը՝ Ռոբերտ Ջորդանը, Մադրիդ է եկել հունվարին։ Մինչ այդ կռվում էր Կարաբանչելում, Ուսերայում։ Մի անգամ անհրաժեշտ եղավ երեք օր շարունակ կռվել, կասեցնելու համար մարոկցիների ու tercio<ref>Լեգեոներներ (իսպ․)։</ref>֊ների առաջխաղացումը, հետո տուն առ տուն մաքրեցին նրանցից արևավառ սարահարթի վրա տեղավորված գորշ ու քարուքանդ եղած արվարձանը և բարձրունքների վրա ամրությունների գիծ կառուցեցին։ Այդ ժամանակն Կարկովն եղել է Մադրիդում։
 +
 +
Այդ օրերի մասին խոսելիս Կարկովը ցինիկություններ թույլ չէր տալիս։ Դա մի ժամանակ էր, երբ բոլորին թվում էր, թե ամեն ինչ կորած է, և հիմա այդ օրերն ապրած յուրաքանչյուր մարդու համար ուզածդ պարգևատրումից ու շքանշանից ավելի հաճելի է հիշելը, թե ինչպես դիմացան, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Կառավարությունը լքել էր քաղաքը, փախչելիս ռազմական մինիստրության բոլոր մեքենաները վերցրել էին, այնպես որ ծերուկ Միախան հեծանիվով էր գնում դիրքերն ստուգելու։ Ռոբերտ Ջորդանը դրան չէր հավատում։ Նա չէր կարողնում Միախային պատկերացնել հեծանվի վրա, ինչքան էլ ընդուներ, որ նա մեծ հայրենասեր է։ Բայց Կարկովն ասում էր, որ իսկապես այդպես է եղել։
 +
 +
Բայց մի դեպքի մասին Կարկովը չի գրել։ Երեք ռուս վիրավորներ են եղել Պալաս հյուրանոցում, երկու տանկիստ և մեկ օդաչու, շատ ծանր վիճակում, հնարավոր չի եղել տեղափոխել նրանց, Կարկովի վրա պարտականություն է դրվել, որ վիրավորները ֆաշիստների ձեռքը չընկնեն, եթե քաղաքը հանձնվելու լինի։ Եթե ստիպված լինեին քաղաքը թողնելու, ապա Կարկովը հեռանալուց առաջ պետք է թունավորեր վիրավորներին, որպեսզի հնարավոր չլինի նրանց ինքնությունը պարզել։ Արտաքինից հնարավոր չէր որոշել։ Լրիվ վիրակապերի մեջ էին։ Մեկի որովայնն էր երեք տեղով ծակված, մյուսի ծնոտն էր պոկվել, երևում էին բաց ձայնալարերը, երրորդի ազդրն էր ջարդվել, ձեռքերն ու դեմքը վառվել էին, ոչ հոնք էր երևում, ոչ թարթիչ ու մազ, ամբողջ երեսը բշտիկներով էր պատված։ Արտաքինից հնարավոր չէր որոշել, ռուսներ են թե ոչ Պալաս հյուրանոցում մնացած այդ վիրավորները։ Մերկ դիակին նայելով չես կարող ասել, որ ռուս է։ Երբ մեռած ես, ազգությունդ ու քաղաքական հայացքներդ չեն երևում։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը Կարկովին հարցրել էր, թե նա ինչ է զգացել, երբ մտածել է, որ կարող է այդ պարտականությունը կատարելու անհրաժեշտություն ծագել, Կարկովը պատասխանել էր, որ այդ մասին չի խորհել։
 +
 +
― Իսկ ինչպե՞ս էիք անելու, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը և ավելացրել․ ― Գիտե՞ք, հեշտ չէ, մարդուն հենց այնպես, վերցնել ու թունավորելը։
 +
 +
― Հեշտ է, ― ասել էր Կարկովը, ― երբ թույնը միշտ հետդ ես ման ածում, որպեսզի անհրաժեշտության պարագային կուլ տաս։ ― Հետո բաց էր արել սիգարետի տուփն ու ցույց էր տվել մի կողմի վրա առանձին դրված սրվակը։
 +
 +
― Բայց երբ գերի են վերցնում, առաջին հերթին սիգարետի տուփն են խլում, ― առարկել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Կպահանջեն ձեռքերը բարձրացնել։
 +
 +
― Բայց ես մի հատ էլ այստեղ ունեմ, ― ասել էր Կարկովը քմծիծաղելով ու ցույց էր տվել բաճկոնի օձիքի դարձածալը։ ― Պետք է պարզապես, ա՛յ, այսպես, օձիքդ առնես բերանդ, կծես ու կուլ տաս։
 +
 +
― Դա ավելի հարմար է, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Ասացե՛ք, իսկապե՞ս դառը նշի բույր ունի, ինչպես գրում են դետեկտիվ պատմվածքներում։
 +
 +
― Չգիտեմ, ― ուրախ ասել էր Կարկովը։ ― Երբեք հոտ չեմ քաշել։ Ուզո՞ւմ եք փորձենք, ջարդե՞նք մի սրվակ։
 +
 +
― Ավելի լավ է պահեք։
 +
 +
― Այո, ― ասել էր Կարկովն ու ետ քաշել սիգարետի տուփը։ ― Հասկանո՞ւմ եք, ես բնավորությամբ պարտվողական չեմ, բայց հնարավոր է, որ նորից ծանր ժամանակներ լինեն և չկարողանամ ոչ մի տեղից այս բանը ճարել։ Ի դեպ, կարդացե՞լ եք Կորդովայի ճակատից եկած հաղորդագրությունը։ Հրաշալի է։ Իմ ուրախությունը հիմա դա է։
 +
 +
― Իսկ ի՞նչ է ասված այդտեղ, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։ Նա հենց Կորդովայի ճակատից էր Մադրիդ եկել, և հիմա հանկարծ զգաց, որ շնչահեղձ է լինում, ձեռ էին առնում մի բան, որի իրավունքը ոչ ոք չուներ այդտեղ, բացի իրենից։ ― Պատմեցեք։
 +
 +
― Nuestra gloriosa tropa siga avanzanda sin perder ni una sola palma de terreno, ― ասաց Կարկովն իր տարօրինակ իսպաներենով։
 +
 +
― Այդպես ասված չի լինի, ― կասկածանքով ասել էր Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Մեր փառապանծ զորքերը շարունակում են առաջ շարժվել առանց մի թիզ հող կորցնելու, ― կրկնել էր Կարկովն անգլերեն։ ― Այսպես է ասված հաղորդագրության մեջ։ Սպասեք գտնեմ։
 +
 +
Դու հիշում էիր այն ծանոթներիդ, որոնք զոհվել էին Պոսոբլանկոյի մարտերում, իսկ այստեղ՝ Գեյլորդում, այդ ամենը կատակի էր վերածվում։
 +
 +
Այդպիսին է հիմա Գեյլորդը։ Բայց միշտ չէ, որ Գեյլորդ է եղել, և եթե վիճակն այնքան է փոխվել, որ առաջ է եկել Գեյլորդի նման մի երևույթ, որի շուրջ հավաքվել են այսօր պատերազմի առաջին օրերից ողջ մնացածները, ի՞նչ կա որ, շատ լավ է, և ինքը ուրախ է, որ տեսել ու ճանաչել է Գեյլորդը։ Դու հիմա շատ ես հեռացել Սիեռայի, Կարաբանչելի և Ուսերայի ժամանակաշրջանի քո հայացքներից, մտածեց նա։ Շատ հեշտ այլասերվեցիր, մտածեց նա։ Բայց արդյո՞ք այլասերություն է առաջին օրերի միամտությունից ձերբազատվելը, թե ընդհակառակը՝ երջանկություն։ Եվ մի՞թե միշտ էլ ու ամեն պարագայի այդպես չի լինում։ Այն ո՞ր երիտասարդ բժիշկը, հոգևորականը կամ զինվորն է, որ պահպանում է իր գաղափարների սկզբնական օրերի կուսական անբծությունը, թերևս հոգևորականը, այլապես պետք է թողնի֊հեռանա։
 +
 +
Կարկովի մասին միշտ էլ հաճույքով էր խորհրդածել։ Վերջին անգամ, երբ հանդիպել էին Գեյլորդում, Կարկովն ուղղակի հոյակապ էր, նա պատմում էր անգլիացի մի տնտեսագետի մասին, որը երկար ժամանակ ապրել էր Իսպանիայում։ Տարիներ առաջ Ռոբերտ Ջորդանը կարդացել էր այդ մարդու գործերը, հարգանքով էր վերաբերվել նրան, առանց որևէ բան իմանալու նրա անձնավորության մասին։ Իսպանիայի մասին նրա գրածները առանձնապես դուր չէին եկել իրեն։ Շատ պարզունակ ու հասարակ էր թվացել, շատ սխեմատիկ, իսկ վիճակագրական տվյալների մի զգալի մասը հարմարեցված էր ցանկալի եզրակացության, բայց քանի որ դա արվել էր բարի նպատակով, ուստի հարգանքով էր վերաբերվել այդ մարդուն։ Գուցե մեկ ուրիշին դուր գան այդ գործերը, մտածել էր Ռոբերտ Ջորդանը, բայց նրան, ով լավ գիտե երկիրը, լրագրային նման հոդվածներն հազիվ թե բավարարեն։
 +
 +
Եվ մի օր էլ, վերջապես, հանդիպել էր այդ մարդուն։ Կարաբանչելն էին գրոհելու, կեսօրից հետո էր, նստած էին ցլամարտի հրապարակի պատի տակ։ Երկու փողոցների միջև հրաձգություն էր գնում։ Բոլորը լարված սպասում էին գրոհի սկզբին։ Մեզ խոստացել էին մի տանկ ուղարկել, անցնում էր ժամանակը, բայց ոչինչ չէր երևում։ Մոնտերոն նստել, գլուխն առել էր ափերի մեջ ու անընդհատ նույն բանն էր կրկնում․
 +
 +
― Չեկավ տանկը։ Չեկավ տանկը։
 +
 +
Ցուրտ օր էր, պայթյուններից առաջացած դեղին փոշին բռնել էր ամբողջ փողոցը, Մոնտերոն վիրավորվել էր, ձախ թևը չէր շարժվում։
 +
 +
― Տանկ է պետք, ― ասում էր նա։ ― Պետք է սպասենք մինչև գա, բայց ո՞նց սպասենք, ― վերքի ցավից ձայնն էլ էր դարձել ջղային։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը վեր էր կացել ու գնացել, որպեսզի տեսնի, թե որտեղ է մնացել տանկը։ Մոնտերոն ասել էր, որ տրամվայի գծի մոտ, անկյունային շենքի ետևը պետք է լինի։ Եվ իսկապես էլ այդտեղ էր։ Բայց տանկ չէր, այլ զրահապատ մի հին ավտոմեքենա։ Այն օրերին իսպանացիները ամեն ինչի տանկ էին ասում։ Վարորդը չէր ուզում շենքի ետևից տանկը դուրս բերել և քշել ցլամարտի հրապարակ։ Նա կանգնել էր մեքենայի ետևը, ձեռքերով հենվել էր մետաղին ու կաշվե սաղավարտով ծածկված գլուխը կոխել էր երկու թևերի արանքը։ Ռոբերտ Ջորդանը խոսում էր հետը, իսկ նա թափ էր տալիս գլուխը, առանց թևերի արանքից հանելու։ Հետո շրջել էր դեմքը և, հայացքն ուղղած ինչ֊որ անորոշ կետի, մռայլ ասել էր․
 +
 +
― Ես այնտեղ գնալու հրաման չեմ ստացել։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ատրճանակն հանել էր պատյանից ու փողը դեմ արել զրահապատ մեքենայի վարորդի կաշվե բաճկոնին։
 +
 +
― Ահա քեզ հրաման, ― ասել էր նա։ Վարորդը նորից թափ էր տվել գլուխը, որ ծածկված էր ամերիկյան ֆուտբոլիստների սաղավարտներին նմանվող կաշվե գլխարկով, և ասել էր․
 +
 +
― Գնդացրի փամփուշտը վերջացել է։
 +
 +
― Ցլամարտի հրապարակում կա, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Արի՛, գնացինք։ Այնտեղ կլցնենք ժապավենները։ Արի՛։
 +
 +
― Գնդացրորդը չկա, ― ասել էր վարորդը։
 +
 +
― Իսկ ո՞ւր է։ Ո՞ւր է գնդացրորդը։
 +
 +
― Սպանվել է, ― ասել էր վարորդը։ ― Մեջն է, այնտեղ։
 +
 +
― Հանի՛ր, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Հանի՛ր այդտեղից։
 +
 +
― Չեմ կարող ես նրան դիպչել, ― ասել էր վարորդը։ ― Ոչ էլ կարող եմ տեղս նստել, ընկած է գնդացրի ու ղեկի արանքը։
 +
 +
― Արի՛, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Մոտ արի, միասին հանենք։
 +
 +
Զրահապատ մեքենայի մեջ սողոսկելիս գլուխը խփել էր դռանը, և հոնքի վրա բացված փոքրիկ վերքից արյունն սկսել էր երեսի վրայով իջնել։ Սպանվածը ծանր էր ու արդեն փայտացել էր, Ռոբերտ Ջորդանը ստիպված էր եղել նրա գլխին հարվածելու, որպեսզի կարողանա դուրս քաշել ղեկի ու նստարանի արանքից, որտեղ բերանքսիվայր ընկած էր նա։ Ի վերջո հաջողվել էր․ ծունկը դրել էր սպանվածի գլխին, ցած հրել, հետո քաշել էր դեպի դուռը։
 +
 +
― Ձեռքդ գցիր օգնիր, ― ասել էր վարորդին։
 +
 +
― Չեմ ուզում դիպչել, ― ասել էր վարորդը, և Ռոբերտ Ջորդանը տեսել էր, որ նա լալիս է։ Փոշեպատ դեմքի վրայով, քթի կողքերից, արցունքներն իջնում էին։ Քիթն էլ էր վազում։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը կանգնել էր դռան դիմաց և դուրս էր քաշել սպանվածին, որն ընկել էր մայթին, հենց տրամվայի գծի մոտ, կծկված, երկու տակ եղած, ձեռքերը փորի տակ, ոնց որ մեքենայում, մոխրագույն մոմանման դեմքը ցեմենտյա հատակին։
 +
 +
― Դե նստի՛ր, գրողի տարած, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը վարորդին՝ ատրճանակը թափ տալով վրան։ ― Անցի՛ր տեղդ։
 +
 +
Հենց այդ ժամանակ էր, որ տեսել էր շենքի պատի տակով վազելով իրենց մոտեցած մարդու։ Նրա հագին երկար վերարկու էր, գլուխը բաց էր, մազերը՝ մոխրագույն, այտերը՝ դուրս ցցված, աչքերը՝ խոր ընկած և իրար մոտիկ։ Ձեռքին «Չեսթերֆիլդ» սիգարետի մի կապոց կար, այն պահին, երբ Ռոբերտ Ջորդանը ատրճանակը թափ տալով վարորդին հրում էր զրահամեքենայի մեջ, այդ մարդը մի տուփ սիգարետ հանել էր կապոցից, մեկնել Ռոբերտ Ջորդանին ու ասել․
 +
 +
― Մի րոպե, ընկեր։ Դուք կարո՞ղ եք ինձ մի քանի խոսք ասել այս մարտի մասին։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը վերցրել էր սիգարետը և դրել էր բանվորական կապույտ վերնաշապկի կրծքագրպանը։ Նա ճանաչել էր այդ ընկերոջը։ Տեսել էր նկարը թերթերում։ Անգլիացի տնտեսագետն էր։
 +
 +
― Ռադ եղիր, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը նրան անգլերեն, հետո դարձել էր վարորդին ու իսպաներեն ասել․ ― Քշի՛ր ցած։ Ցլամարտի հրապարակ։ Հասկացա՞ր։
 +
 +
Կողքի ծանր դուռը ուժգին քաշել էր, փակը գցել, և զառիթափով շարժվել էին ցած, գնդակները սկսել էին տեղալ մեքենայի վրա՝ երկաթյա կաթսային խփվող խճաքարերի ձայն հանելով։ Հետո, երբ սկսել էին գնդացրից կրակել, արդեն մուրճի հարվածների ձայն էր դուրս եկել։ Ցլամարտի հրապարակում կանգ էին առել պատի տակ ու հրացանները ձեռքներին և նռնակները գոտիներին ու գրպաններում սպասում էին իրենց։
 +
 +
― Լավ է։ Տանկը եկավ։ Հիմա արդեն կարող ենք հարձակվել, ― ասել էր Մոնտերոն։
 +
 +
Ավելի ուշ, արդեն գիշերը, երբ գրավել էին բարձունքի բոլոր տները, նա տեղավորվել էր աղյուսե պատի տակ, դիտանցքի կողքին և սկսել էր նայել ռազմադաշտին, որ այնքան գեղեցիկ փռվել էր իրենց դիրքերից մինչև դիմացի լեռնապարը, ուր քաշվել էին ֆաշիստները, և համարյա վայելքի հասնող գոհունակությամբ մտածել էր, որ իրենց ձախ թևը ապահով է, որովհետև այնտեղ ուղղաբերձ բարձունք է՝ գագաթին քանդված մի առանձնատնով։ Հետո թաղվել էր հատակին թափված հարդակույտի մեջ և պինդ ծածկվել էր թիկնոցով, որպեսզի չմրսի, երբ քրտինքը սառի մարմնի վրա։ Պառկած հիշել էր տնտեսագետին ու ծիծաղել էր, հետո ցավ էր զգացել, որ կոպիտ է վարվել նրա հետ։ Բայց այդ մարդը այնպես էր սիգարետը դեմ արել, կարծես ինֆորմացիայի վարձ տար, և քաղաքացիական շորերով շրջող մարդկանց հանդեպ զինվորի ատելությունն էր, որ դուրս էր պոռթկացել այդ պահին։
 +
 +
Հիմա նա նորից հիշեց Գեյլորդը, հիշեց այդ մարդու մասին Կարկովի պատմածները։
 +
 +
― Ուրեմն այնտեղ եք հանդիպել նրան, ― ասել էր Կարկովը։ ― Ես այդ օրը Պուենտե դե Տոլեդոյից այն կողմ չեմ գնացել։ Ուրեմն մինչև ռազմադաշտ է հասել։ Կարծում եմ, որ դա նրա վերջին քաջագործությունն է եղել։ Հաջորդ օրը նա թողեց֊հեռացավ Մադրիդից։ Տոլեդոյում նա քաջերի քաջն էր։ Այո։  Տոլեդոյում ահռելի էր։ Ալկասարի գրավումը նախագծողներից մեկն էլ նա էր։ Դուք պետք է նրան Տոլեդոյում տեսած լինեիք։ Ես կարծում եմ, որ պաշարման հաջողության համար մենք մեծապես պարտական ենք նրա ջանքերին ու խորհուրդներին։ Այդ ժամանակաշրջանը երևի այս պատերազմի ամենահիմար փուլն էր։ Հիմարության գագաթնակետը։ Բայց դուք ինձ ասացեք՝ ի՞նչ կարծիք կա նրա մասին Ամերիկայում։
 +
 +
― Ամերիկայում, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը, ― նրան համարում են Մոսկվայի մարդը։
 +
 +
― Ճիշտ չէ, ― ասել էր Կարկովը։ ― Բայց նա այնպիսի անուշ դեմք ունի, այդպիսի դեմքը չի կարող անհաջողության հանդիպել։ Իմ դեմքը կարո՞ղ է որևէ մեկին դուր գալ։ Եթե ինչ֊որ բանի էլ կարողացել եմ հասնել, ապա մեծագույն դժվարությամբ, որովհետև այսպիսի դեմքը ոչ համակրանք, ոչ էլ վստահություն կարող է ներշնչել մարդկանց։ Իսկ Միտչելը միշտ էլ հաջողության է հասել և շնորհիվ իր դեմքի։ Իսկական կոնսպիրատորի արտաքին ունի։ Բավական է որևիցե գիրք կարդացած լինես կոնսպիրատորի մասին և հետո տեսնես Միտչելին, տեղնուտեղը կասես, որ սա է, սա է, որ կա, իսկապես շատ նման է։ Մտա՞վ մի տեղ, ով էլ տեսնի, պիտի մտածի, որ առաջին կարգի կոնսպիրատոր է։ Քո այն բոլոր հարուստ հայրենակիցները, որոնք օգնություն են ցույց տալիս Սովետական Միությանը, ոմանք սոսկ որպես բարի մարդիկ, ուրիշները՝ ապահովելու համար իրենց, եթե երբևէ մեր կուսակցությունը հաջողության հասնի, ահա նրանք, երբ նայում են այդ մարդու դեմքին, շարժուձևերին, միայն մի բան է մտքներովն անցնում՝ սա Կոմինտերնի վստահված գործակալն է, ուրիշ բան չի կարող լինել։
 +
 +
― Ուրեմն կապեր չունի՞ Մոսկվայի հետ։
 +
 +
― Չէ՛։ Ընկեր Ջորդան, սպասեք մի բան ասեմ։ Դուք երբևէ լսե՞լ եք գժերի երկու տեսակի մասին։
 +
 +
Հանգիստ ու կատաղի՞։
 +
 +
― Չէ՛։ Իմ ասած երկու տեսակին միայն Ռուսաստանում կարող ես հանդիպել, ― քմծիծաղելով ասեկ էր Կարկովը։ ― Առաջին տեսակը ձմեռային գիժն է։ Ձմռան մի օր, ահա, եկավ ու թակեց դուռդ։ Գնում ես, բացում, տեսնում ես անծանոթ մի մարդ։ Տեսքը տպավորիչ է՝ բարձրահասակ, թիկնեղ, հագին սապոգներ, մուշտակե վերարկու, մորթե գլխարկ ու ձյունն էլ վրան լավ նստած։ Մտնում է ու սկսում է կոշիկները թափ տալ, ձյունը թափվում է հատակին։ Հետո մուշտակե վերարկուն է հանում ու թափ տալիս, հատակի ձյունն ավելանում է։ Հանում է գլխարկն ու խփում դռանը։ Հատակի ձյունը մի քիչ էլ է ավելանում։ Հետո նորից է ոտները խփում հատակին ու մտնում սենյակ։ Նայում ես, դարձյալ նայում, և մեկ էլ հասկանում ես, որ գիժ է։ Հիմա գնանք ամառային գժին։ Ամռան մի օր տեսնում ես, որ փողոցով մի մարդ է իջնում, ձեռները թափ է տալիս, գլուխը այս ու այն կողմ գցում, պարզ է արդեն, գիժ է, երկու հարյուր յարդից էլ երևում է։ Սա էլ քեզ ամառային գիժը։ Տնտեսագետը ձմեռային գիժ է։
 +
 +
― Բայց ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, որ այստեղ էլ են վստահում նրան, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Դեմքը, ― ասել էր Կարկովը։ ― Նրա գեղեցիկ quelle de conspirateur֊ը։<ref>Կոնսպիրատորի մռութը (ֆր․)։</ref> Հետո նաև այն անգնահատելի ճարպկությունը, որ նա կարողանում է ցույց տալ, թե իբր հենց այս պահին գալիս է մի տեղից, որտեղ ինքը շատ վստահված ու կարևոր դեմք է։ Իհարկե, ― ժպտացել էր Կարկովը, ― դրա համար նա ստիպված է լինում անընդհատ տեղից տեղ գնալու, այլապես խաբեությունը կբացահայտվի։ Գիտե՞ք, շատ տարօրինակ մարդիկ են իսպանացիները, ― շարունակել էր Կարկովը։ ― Այս կառավարությունը շատ փող ունի։ Շատ մեծ քանակությամբ ոսկի։ Բայց բարեկամներին ոչինչ չեն տա։ Բարեկա՞մ ես, ուրեմն պիտի ձրի անես, անվարձահատույց։ Իսկ որևէ նշանավոր ֆիրմայի կամ ոչ բարեկամական երկրի ներկայացուցիչներին ինչքան ասես տալիս են, որպեսզի սիրաշահեն։ Երբ սկսում ես ուշադիր քննել այս ամենը, տեսնում ես, որ շատ հետաքրքիր է։
 +
 +
― Դա ինձ դուր չի գալիս։ Եվ հետո՝ այդ փողը պատկանում է իսպանացի աշխատավորներին։
 +
 +
― Ես չեմ ասում, որ դա պետք է ձեզ դուր գա, դա պետք է միայն հասկանալ, ― ասել էր Կարկովը։ ― Ահա այսպես, ամեն հանդիպման ժամանակ ինչ֊որ բան սովորում եք, և եթե այսպես շարունակվի, մի օր էլ կտեսնեք կարգին կրթություն եք ստացել։ Հետաքրքիր է, չէ՞, պրոֆեսորը կրթություն է ստանում։
 +
 +
― Չգիտեմ, պիտի կարողանա՞մ պրոֆեսորի պաշտոնիս մնալ, երբ վերադառնամ։ Հավանաբար կասեն կարմիր է ու հեռացնեն աշխատանքից։
 +
 +
― Այդ դեպքում թերևս գաք Սովետական Միություն և այնտեղ շարունակեք ձեր ուսումնասիրությունները։ Ես կարծում եմ, որ ամենից ճիշտը դա կլինի։
 +
 +
― Բայց իմ ուսումնասիրությունների բնագավառը իսպաներենն է։
 +
 +
― Իսպանախոս երկրները շատ են, ― ասել էր Կարկովը։ ― Ամեն տեղ այսպիսի ծանր վիճակ չի լինի։ Հետո նաև նկատի ունեցեք, որ դուք համարյա ինն ամիս է, ինչ չեք դասավանդում։ Ինն ամսում կարող էիք նոր մասնագիտություն ձեռք բերել։ Դիալեկտիկայից ի՞նչ եք կարդացել։
 +
 +
― Կարդացել եմ Էմիլ Բըրնսի խմբագրությամբ լույս տեսած «Մարքսիզմի ձեռնարկը»։ Այդքան։
 +
 +
― Քիչ չէ, եթե լրիվ կարդացել եք։ Հազար հինգ հարյուր էջ, եթե ամեն էջի վրա որոշ ժամանակ ծախսել եք։ Բայց կան և ուրիշ բաներ, որ պետք է կարդալ։
 +
 +
― Հիմա ընթերցանության համար ժամանակ չկա։
 +
 +
― Գիտեմ, ― ասել էր Կարկովը։ ― Երբ որ հնարավորություն լինի։ Կան գրքեր, որ պետք է կարդալ, որպեսզի այսօրվա որոշ իրադարձություններ հասկանալի դառնան։ Եվ այս ամենի մասին, ինչ տեղի է ունենում այսօր, պետք է մի գիրք գրվի, մի շատ անհրաժեշտ գիրք, որտեղ տրված լինի այս իրադարձությունների բացատրությունը։ Թերևս ես գրեմ այդ գիրքը։ Այո, հույս ունեմ, որ ես կգրեմ։
 +
 +
― Հազիվ թե մեկ ուրիշը կարողանա ավելի լավ գրել, քան դուք։
 +
 +
― Մի՛ շողոքորթեք, ― ասել էր Կարկովը։ ― Ես լրագրող եմ։ Բայց ինչպես ամեն մի լրագրող, այրվում եմ գրական երկ ստեղծելու ցանկությամբ։ Այ հենց հիմա էլ զբաղված եմ Կարլո Սոտելոյի մասին մի ուսումնասիրության նյութեր հավաքելով։ Ֆաշիստի ավարտուն կերպար է եղել։ Իսկական իսպանական ֆաշիստ։ Ֆրնակոն ու մյուսները՝ չէ։ Հիմա Սոտելոյի ճառերն ու հոդվածներն եմ ուսումնասիրում։ Շատ խելացի է եղել, և շատ խելացի բան են արել, որ սպանել են նրան։
 +
 +
― Ես կարծում էի, թե դուք քաղաքական սպանություններին դեմ եք։
 +
 +
― Շատ լայն կիրառություն ունեն, ― ասել էր Կարկովը։ ― Շատ, շատ լայն։
 +
 +
― Բայց․․․
 +
 +
― Մենք դեմ ենք, երբ անհատներն են տեռոր անում, ― ժպտալով ասել էր Կարկովը։ ― Մենք դեմ ենք, իհարկե, տեռորիստական ու հակահեղափոխական հանցագործ կազմակերպությունների գործունեությանը։ Մենք ատում ենք ու նողկանքով մերժում ոճրագործ ու ավազակ բուխարինական բորենիների, Զինովևի, Կամենևի, Ռիկովի և նրանց մանկլավիկների նման մարդկային թափթփուկների երկերեսանի ու ստոր գործելակերպը, ― ասել էր Կարկովը և նորից ժպտացել։ ― Բայց դարձյալ պիտի ասեմ, որ քաղաքական սպանությունները շատ լայն կիրառություն ունեն։
 +
 +
― Ուզում եք ասել․․․
 +
 +
― Ոչինչ չեմ ուզում ասել։ Իսկ մահապատժի մենք, իհարկե, ենթարկում ենք ու ոչնչացնում, բայց միայն մարդկային ցեղի իսկական վիժվածքներին ու թափթփուկներին, այդ շուն, դավաճան գեներալներին և գարշելի, անվստահելի ադմիրալներին։ Նրանց ոչնչացնում ենք։ Չենք սպանում։ Դուք տարբերությունը հասկանո՞ւմ եք։
 +
 +
― Հասկանում եմ, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Եվ եթե երբեմն ես կատակում եմ, իսկ դուք գիտ՞եք, թե ինչքան վտանգավոր է թեկուզ հենց այնպես կատակի համար կատակելը, ուրեմն երբ կատակով երբեմն ասում եմ, որ իսպանական ժողովուրդը մի օր զղջալու է, որ չեն գնդակահարել հրամանատարական պաշտոններ զբաղեցնող այսօրվա որոշ գեներալների, հավատացե՛ք, ճիշտ եմ ասում, զղջալու է։ Թեև, եթե կուզեք իմանալ, գնդակահարություններն իմ սրտով չեն։
 +
 +
― Բայց ես չեմ առարկում, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Թեև թիմ էլ սրտով չեն։ Բայց հիմա չեմ առարկում։
 +
 +
― Գիտեմ, ― ասել էր Կարկովը։ ― Ինձ ասել են դրա մասին։
 +
 +
― Իսկ դա կարևո՞ր է, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Ես ընդամենը փորձում էի արդար լինել այդ հարցում։
 +
 +
― Դժբախտաբար, այո, ― ասել էր Կարկովը։ ― Այլ հանգամանքներում վստահելիությունն ստուգելու համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ լինում։
 +
 +
― Իսկ պարտադի՞ր է, որ ես վստահելի լինեմ։
 +
 +
― Ձեզ հանձնարարվող գործերի համար վստահելի լինելը ավելի քան պարտադիր է։ Ես ձեզ հետ պետք է մեկ֊մեկ զրուցեմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ մտքեր ունեք։ Ափսոս, որ մեր միջև երբեք լուրջ խոսակցություն տեղի չի ունենում։
 +
 +
― Իմ մտքերը հանգստյան են կոչվել մինչև պատերազմի հաղթական ավարտը, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Եթե այդպես է, թերևս դեռ երկար ժամանակ կարիքը չզգացվի։ Բայց լավ կլինի, եթե երբեմն որոշ վարժություններ անեք, պետք է մարզել։
 +
 +
― Անում եմ, Mundo Obrero եմ կարդում, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Լավ է, լավ։ Սրամիտ է, ընդունում եմ, ― ասել էր Կարկովը։ ― Բայց Mundo Obrero֊յում լինում են և շատ խելացի հոդվածներ։ Այս պատերազմի մասին գրված ամենախելացի հադվածներն այնտեղ են եղել։
 +
 +
― Այո, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Համաձայն եմ ձեզ հետ։ Բայց ես կարծում եմ, որ միայն կուսակցական օրգանի նյութերի ընթերցումով հնարավոր չէ ամբողջական պատկերացում ունենալ իրադրության մասին։
 +
 +
― Այո, հնարավոր չէ, ― ասել էր Կարկովը։ ― Բայց եթե դուք քսան լրագիր էլ կարդաք, դարձյալ չեք կարողանա ամբողջական պատկերացում ունենալ, իսկ եթե ունենաք էլ, չգիտեմ, թե դա ինչ կտա ձեզ։ Ես, օրինակ, ունեմ, և ի՞նչ, փորձում եմ ամեն կերպ ազատվել դրանից, բայց չի հաջողվում։
 +
 +
― Ուրեմն այդքան վա՞տ է իրադրությունը։
 +
 +
― Հիմա համեմատաբար լավ է։ Ծանր վիճակից աստիճանաբար դուրս ենք գալիս։ Բայց տակավին դժվար է։ Ահավոր դժվար։ Պետք է հզոր բանակ ստեղծել։ Մոդեստոյի, Էլ Կամպեսինոյի, Լիստերի ու Դյուրանի ետևից գնացողների որոշ մասը վստահելի է։ Ավելի քան վստահելի։ Ուղղակի հրաշալի մարդիկ են։ Կտեսնեք։ Բացի այդ դեռ գոյություն ունեն բրիգադները, թեև նրանց դերը փոխվում է։ Բայց մի բանակ, որը բաղկացած է և՛ լավ, և՛ վատ տարրերից, հաղթել չի կարող։ Մենք պետք է բոլորին հասցնենք քաղաքական զարգացման որոշակի մի մակարդակի։ Բոլորը պետք է իմանան, թե հանուն ինչի են կռվում, պետք է իմանան դրա կարևորությունը, բոլորը պետք է հավատան այդ կռվի արդարացիությանը և պետք է ենթարկվեն կարգապահությանը։ Ստեղծում ենք հզոր բանակ, բայց ժամանակ չունենք, որ կանոնավոր բանակին անհրաժեշտ կարգապահություն պատվաստենք, այնպես լինի, որ մարտի դաշտում իրենց պահեն ինչպես պետք է։ Ասում ենք ժողովրդական բանակ, բայց դա ոչ ժողովրդականի արժանիքները կունենա, ոչ էլ կանոնավոր բանակի համար պարտադիր երկաթյա կարգապահությունը։ Կտեսնեք։ Շատ վտանգավոր բան ենք ձեռնարկել։
 +
 +
― Այսօր ձեր տրամադրությունը երևում է այնքան էլ լավ չէ։
 +
 +
― Ճիշտ եք, ― ասել էր Կարկովը։ ― Վալենսիայից եմ գալիս, շատերին եմ հանդիպել այնտեղ։ Վալենսիայից եկողը չի կարող լավ տրամադրություն ունենալ։ Մադրիդում լավ ես զգում, հանգիստ ես, հավատում ես, որ հաղթելու ես։ Վալենսիայում բոլորովին այլ բան է։ Մադրիդից փախած վախկոտներն հավաքվել են այնտեղ ու շարունակում են տակավին կառավարել։ Լավ ու հանգիստ տեղավորվել են ու իրենց բյուրոկրատական  գործունեությունն են ծավալել։ Եվ տեսնեք, թե ինչպիսի արհամարհանքով են խոսում Մադրիդում եղողների մասին։ Հիմա նրանց ուղեղում միայն մի սևեռուն միտք կա՝ թուլացնել ռազմական կոմիսարիատը։ Հապա Բարսելոնը։ Պիտի տեսնել, ասելով չի լինի։
 +
 +
― Ո՞նց է, ո՞նց։
 +
 +
― Իսկական երաժշտական կոմեդիա։ Դրախտ է։ Սկզբում խելագարների ու ռոմանտիկ հեղափոխականների դրախտ էր, հիմա՝ բեմի զինվորների։ Դու պիտի տեսնես, թե Բարսելոնի այդ զինվորներն ինչպես են համազգեստն հագած, կարմիր֊սև վզնոցը կապած սեթևեթելով ճեմում։ Ինչ որ պատերազմի հետ կապ ունի, սիրում են, բացի կռվելուց։ Վալենսիան վհատեցնում է, Բարսելոնը՝ ծիծաղեցնում։
 +
 +
― P. O. U. M<ref>Իսպաներեն հապավում է՝ «Մարքսիստական միավորման բանվորական կուսակցություն» անարխիստական֊տրոցկիստական կազմակերպություն Կատալոնիայում։</ref>֊ի խռովության մասին ի՞նչ կասեք։
 +
 +
― P. O. U. M֊ը երբեք լուրջ կազմակերպություն չի եղել։ Դա խելագարների ու ծայրահեղականների աղանդ է, իսկ այդ խռովությունը մանկամտություն էր։ Նրանց մեջ կային մի քանի ազնիվ մոլորյալներ, շատ խելացի մի մարդ, մի քիչ էլ ֆաշիստներից ստացած փող ունեին։ Ոչ շատ։ Խեղճ P. O. U. M: Շատ հիմար մարդիկ էին։
 +
 +
― Շա՞տ սպանվողներ եղան այդ խռովության ժամանակ։
 +
 +
― Խռովության ժամանակ շատ չեղան, հետագայում շատ գնդակահարվեցին և դեռ գնդակահարվում են։ P. O. U. M: Ոնց որ անունն է անլուրջ, այնպես էլ ինքն է։ Ավելի ճիշտ կանեին, եթե M. U. M. P. S.<ref>Mumps ― խոզուկ (անգլ․)։</ref> կամ էլ M. E. A. S. L. E. S.<ref>Measles ― կարմրուկ (անգլ․)։</ref> Բայց ոչ։ Կարմրուկը ավելի վտանգավոր է։ Կարող է տեսողությունն ու լսողությունը շարքից հանել։ Ի դեպ, ուզեցել են ինձ սպանել, ինչպես և Վալտերին, Մոդեստոյին ու Պրիետոյին։ Տեսնում եք, չէ՞, ինչ աստիճանի խանգարված են։ Չորսս էլ իրարից տարբեր մարդիկ։ Խեղճ P. O. U. M: Այդպես էլ ոչ ոքի չսպանեցին։ Ոչ ռազմաճակատում, ոչ այլուր։ Ճիշտ չեմ․ Բարսելոնում մի քանի հոգու սպանեցին։
 +
 +
Դուք այնտե՞ղ էիք։
 +
 +
― Այո։ Այնտեղից ես հեռագրով հաղորդում տվեցի, նկարագրեցի տրոցկիստ ոճրագործների այդ տխրահռչակ կազմակերպությունը և նրա ֆաշիստական արգահատելի մեքենայությունները։ Բայց, խոսքը մեր մեջ, շատ անլուրջ բան է այդ P.O.U.M֊ը։ Այդտեղ միայն Նինն էր խելքը գլխին։ Ախր բռնել էինք, ո՞նց ձեռքներիցս բաց թողեցինք։
 +
 +
― Հիմա որտե՞ղ է։
 +
 +
― Փարիզում։ Ասում ենք Փարիզում է։ Բավական հաճելի մարդ է, գիտե՞ք, բայց քաղաքական մոլորության մեջ է։
 +
 +
― Բայց ճի՞շտ է, որ կապված են եղել ֆաշիստների հետ։
 +
 +
― Իսկ ո՞վ չի կապված։
 +
 +
― Մենք։
 +
 +
― Ո՞վ գիտի։ Հուսանք, որ կապված չենք։ Բայց դուք նրանց թիկունքում հաճախ եք լինում, ― քմծիծաղել էր Կարկովը։ ― Հանրապետության Փարիզի դեսպանատան քարտուղարներից մեկի եղբայրը անցյալ շաբաթ այցելել էր Սեն Ժան դե Լյուս և հանդիպել Բուրգոսից ժամանածներին։
 +
 +
― Ռազմաճակատում ավելի հաճելի է, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Մարդիկ ինչքան ռազմաճակատին մոտիկ են, այնքան ավելի լավն են։
 +
 +
― Իսկ ֆաշիստների թիկունքում ո՞նց է։
 +
 +
― Շատ լավ։ Հիանալի մարդիկ ունենք այնտեղ։
 +
 +
― Այդպես։ Նրանք էլ մեր թիկունքում իրենց լավ մարդիկն ունեն։ Մենք նրանց ենք հայտնաբերում ու գնդակահարում, նրանք մերոնց են հայտնաբերում ու գնդակահարում։ Երբ դուք նրանց թիկունքում եք լինում, մտածեք միշտ այն մասին, թե քանի֊քանիսին էլ նրանք են ուղարկում մեր թիկունքը։
 +
 +
― Մտածել եմ։
 +
 +
― Դե լավ, ― ասել էր Կարկովը։ ― Խորհելու բավական նյութ երևի ունեք այսօր, խմե՛ք բաժակում մնացած գարեջուրն ու գնանք, դուք ձեր գործին, ես էլ վերև՝ որոշ մարդկանց տեսնելու։ Վերնահարկի մարդկանց։ Նորից եկեք։ Ցտեսություն։
 +
 +
Այո, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Շատ բան սովորեցիր դու Գեյլորդում։ Կարկովը կարդացել էր իր մեկ և միակ հրատարակված գիրքը։ Գիրքը հաջողություն չէր ունեցել։ Ընդամենը երկու հարյուր էջ էր, և չէր կարծում, որ երկու հազար մարդ կարդացած լիներ։ Իսպանական իր տպավորություններն էին, որ ստացել էր վերջին տասը տարիներին Բասկերի երկրում, Նավառայում, Արագոնում, Գալիսիայում, երկու Կաստիլյաներում և Էսթրեմադուրոյում շրջագայելիս։ Ճամփորդել էր ոտքով, երրորդ կարգի վագոններում, ավտոբուսով, ձիու և ջորու վրա, բեռնատար մեքենաների թափքերին։ Իսպանիայի մասին այնքան լավ գրքեր էին գրել Բառոուն, Ֆորդը և ուրիշներ, որ ինքը հազիվ թե կարողանար ինչ֊որ բան ավելացնել։ Բայց Կարկովն ասել էր, որ լավ գիրք է։
 +
 +
― Դրա համար եմ գլուխ դնում ձեզ հետ, ― ասել էր նա։ ― Ըստ իս բացարձակապես ճշմարտացի եք գրում, իսկ դա շատ հազվագյուտ երևույթ է։ Դրա համար էլ ես կուզեի, որ դուք որոշ այլ բաներ ևս իմանայիք։
 +
 +
Լավ։ Կգրի նա իր գիրքը, երբ այս ամենը վերջանա։ Բայց կգրի միայն այն բաների մասին, ինչ գիտի, ճշմարտացի, իմացածի մասին։ Բայց դրա համար պետք է ավելի լավ տիրապետեմ գրելու արվեստին, մտածեց նա։ Այն ամենը, ինչ ճանաչեց այս պատերազմի ընթացքում, այնքան էլ պարզ չէին։
 +
 +
 +
==Գլուխ տասնիներորդ։==
 +
 +
― Ի՞նչ ես անում, ― հարցրեց Մարիան, որ կիպ կանգնել էր իր կողքին։ Ռոբերտ Ջորդանը շրջեց գլուխը և ժպտաց նրան։
 +
 +
― Ոչինչ, ― ասաց։ ― Մտածում էի։
 +
 +
― Ինչի՞ մասին։ Կամրջի՞։
 +
 +
― Ոչ։ Կամրջի մասին մտածեցի֊վերջացրի։ Քո մասին էի մտածում, մադրիդյան մի հյուրանոցի, որտեղ ռուս ծանոթներ ունեմ, և մի գրքի մասին, որ գրելու եմ մի օր։
 +
 +
― Մադրիդում ռուսներ շա՞տ կան։
 +
 +
― Չէ։ Շատ քիչ։
 +
 +
― Բայց ֆաշիստական թերթերը գրում են, որ հարյուր հազարներ են։
 +
 +
― Սուտ է։ Շատ քիչ են։
 +
 +
― Հավանո՞ւմ ես ռուսներին։ Այն մեկը, որ այստեղ էր, ռուս էր։
 +
 +
― Դու հավանեցի՞ր նրան։
 +
 +
― Այո։ Ես այն ժամանակ հիվանդ էի, բայց ինձ նա շատ գեղեցիկ ու քաջ թվաց։
 +
 +
― Գեղեցիկ, չէ մի, հիմարություն, ― ասաց Պիլարը։ ― Քիթը տափակ, ոնց որ ձեռքս, թշերը լայն, ասես ոչխարի դմակ լինեին։
 +
 +
― Լավ ընկերներ էինք, լավ բարեկամներ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ էի սիրում։
 +
 +
― Անշուշտ, ― ասաց Պիլարը։ ― Բայց սպանեցիր։
 +
 +
Թուղթ խաղացողները հայացքները բարձրացրեցին սեղանից, Պաբլոն նայեց Ռոբերտ Ջորդանին։ Բոլորը լուռ էին։
 +
 +
― Ճի՞շտ է, Ռոբերտո, ― հարցրեց գնչու Ռաֆայելը։
 +
 +
― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Պիլարը դրա մասին պետք է լռեր, մտածեց նա։ Զղջաց, որ բացվել է Էլ Սորդոյի մոտ։ ― Խնդրեց։ Ծանր վիրավոր էր։
 +
 +
― Que cosa mas rara,<ref>Ինչ տարօրինակ բան է(իսպ․)։</ref> ― ասաց գնչուն։ ― Այստեղ եղած ժամանակը միշտ այդ էր ասում։ Քանի֊քանի անգամ է ինձնից խոսք վերցրել, որ եթե պետք լինի, սպանեմ իրեն։ Ինչ տարօրինակ բան է, ― ասաց նորից ու թափ տվեց գլուխը։
 +
 +
― Շատ տարօրինակ մարդ էր, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ոչ մեկին նման չէր։
 +
 +
― Լսի՛ր, ― ասաց Անդրեսը՝ եղբայրներից մեկը։ ― Դու պրոֆեսոր ես և ամեն ինչ։ Ի՞նչ ես կարծում, մարդը կարո՞ղ է իմանալ, թե ինչ է պատահելու իրեն։
 +
 +
― Ես կարծում եմ, որ չի կարող, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Պաբլոն հետաքրքրությամբ նայում էր նրան, Պիլարի դեմքը ոչինչ չէր արտահայտում։ ― Ինչ վերաբերում է այն ռուս ընկերոջը, ես կարծում եմ, որ նրա նյարդերը թուլացել էին, որովհետև ռազմաճակատներում շատ երկար էր եղել։ Մասնակցել էր Իրունի մարտերին, դուք գիտեք, թե դա ինչ է նշանակում, շատ ծանր վիճակ է եղել։ Ահավոր։ Կռվել էր հյուսիսում։ Հետո, երբ կազմակերպվել են թիկունքում գործող խմբերը, եղել է այստեղ, Էսթրեմադուրայում, Անդալուզիայում։ Ես կարծում եմ, որ շատ է հոգնել, նյարդայնացել և դրանից էլ սկսել են գլխում վատ մտքեր ծագել։
 +
 +
― Անկասկած ահավոր բաներ է տեսել, ― ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Այնպես, ինչպես բոլորը, ― ասաց Անդրեսը։ ― Բայց դու չասացիր, Ingles, կարո՞ղ է մեկը նախօրոք իմանալ, թե ինչ է պատահելու իրեն։
 +
 +
― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դա տգիտություն է ու սնահավատություն։
 +
 +
― Շարունակի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Եկեք լսենք պրոֆեսորի տեսակետը։ ― Նա խոսում էր այնպես, կարծես դիմացը իր տարիքից վաղ հասունացած երեխա լիներ։
 +
 +
― Ես կարծում եմ, որ վատ նախազգացումները վախի հետևանք են, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մարդ երբ վատ նշաններ է տեսնում․․․
 +
 +
― Ոնց որ այսօրվա ինքնաթիռները, ― ասաց Պրիմիտիվոն։
 +
 +
― Ոնց որ քո ժամանումը, ― ցածրաձայն ասաց Պաբլոն։ Ռոբերտ Ջորդանը նայեց նրան, բայց երբ տեսավ, որ դա սադրանք չէր, այլ սոսկ բարձրաձայն խոհ, շարունակեց․
 +
 +
― Մարդ երբ վատ նշաններ է տեսնում, վախից սկսում է մտածել, որ վախճանը եկել է, նրան թվում է, թե դրանք կանխագուշակություններ են, ― եզրափակեց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես կարծում եմ, որ սա է, ուրիշ ոչինչ։ Ես չեմ հավատում ո՛չ գուշակներին, ո՛չ էլ դևերի ու գերբնական ուժերի գոյությանը։
 +
 +
― Բայց այն տարօրինակ անունով մարդը գիտեր անշուշտ իր ճակատագիրը, ― ասաց գնչուն։ ― Եվ պատահեց այնպես, ինչպես սպասում էր։
 +
 +
― Ոչինչ էլ չգիտեր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նա վախենում էր այդպիսի վախճանի հնարավորությունից, և դա նրա մոտ սևեռուն միտք էր դարձել։ Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ նա նախօրոք ինչ֊որ բան գիտեր։
 +
 +
― Ոչ էլ ե՞ս, ― հարցրեց Պիլարը և օջախից մի պտղունց մոխիր վերցրեց֊դրեց ափի մեջ ու փչեց։ ― Ե՞ս էլ չեմ կարող համոզել։
 +
 +
― Ո՛չ, չես կարող։ Ո՛չ հմայությամբ, ո՛չ էլ գնչուական քո այդ ամեն ինչով։
 +
 +
― Որովհետև դու զարմանահրաշ խուլ ես, ― ասաց Պիլարը։ Նրա խոշոր դեմքի գծերը մոմի լույսի տակ դարձել էին խիստ կոպիտ։ ― Ոչ, դու բութ չես։ Դու պարզապես խուլ ես։ Խուլը երաժշտություն չի կարող լսել։ Ոչ էլ ռադիո։ Իսկ եթե չի լսում, կարող է ասել, որ այդպիսի բան գոյություն չունի։ Que va, Ingles! Ես այդ տարօրինակ մարդու դեմքին տեսել եմ իր մահը, շիկացած երկաթով կարծես դրոշմված լիներ։
 +
 +
― Չես տեսել, ― պնդեց Ռոբերտ Ջորդանը։ ― Դու վախ ես տեսել, ու նախազգացում։ Նա վախենում էր, որովհետև ծանր վիճակներում էր լինում։ Նախազգացումները նրանից էին, որ նա ամեն վայրկյան պատկերացնում էր դժբախտությունը։
 +
 +
― Que va, ― ասաց Պիլարը։ ― Ես այնքան պարզ տեսել եմ նրա մահը, կարծես ուսերին նստած լիներ։ Ավելին, նրանից մահվան հոտ էր փչում։
 +
 +
― Մահվան հոտ էր փչում, ― հեգնեց Ռոբերտ Ջորդանը։ ― Թերևս վախի՞։ Վախի հոտ կա։
 +
 +
― De la muerte,<ref> Մահվան (իսպ․)։</ref> ― ասաց Պիլարը։ ― Լսի՛ր, սա ինձ Բլանկետն է պատմել, անենանշանավոր peon de brega<ref>Ցլամարտիկի օգնական (իսպ․)</ref>֊ն, նա աշխատում էր Գրաներոյի հետ։ Մանոլո Գրաներոյի մահվան օրը մարտից առաջ երբ եկեղեցի են մտել, Գրաներոյից այնպիսի ուժեղ մահվան հոտ է փչել, որ Բլանկետը քիչ է մնացել շնչահեղձ լինի։ Մինչ այդ գնացել են բաղնիք, Գրաներոն լողացել է, մաքուր շորեր հագել, հետո ավտոմեքենայի մեջ իրար կպած նստել ու եկել են հրապարակ, ոչ ոք հոտ չի առել, եկեղեցում էլ միայն Խուան Լուիս դե լա Ռոսան է զգացել։ Գրաներոյին հրապարակ առաջնորդելիս Մարսիալն ու Չիկուլեոն հետն են եղել։ Բայց հոտ չեն առել։ Իսկ Խուան Լուիսը գույնը գցել, դարձել է սպիտակ դիակ, այստեղ Բլանկետը հարցրել է․
 +
 +
― Դո՞ւ էլ։
 +
 +
― Չեմ կարողանում շնչել, ― ասել էր Խուան Լուիսը։ ― Քո մատադորից է փչում։
 +
 +
― Pues nada, ― ասել էր Բլանկետը։ Ոչ մի բան չենք կարող անել։ Երանի սխալված լինենք։
 +
 +
― Իսկ մյուսնե՞րը, ― հարցրել էր Խուան Լուիսը Բլանկետին։
 +
 +
― Nada, ― ասել էր Բլանկետը։ ― Ոչ մի բան։ Միայն սրանից է, և ավելի ուժգին է փչում, քան Խոսեից Տալավերայում։
 +
 +
Հենց այդ կեսօրից հետո էլ Վերագուայի Պոկապենա ցուլը Մադրիդի Plaza de Toros֊ում, երկրորդ tendi do<ref>Սեկտոր (իսպ․)։</ref>֊յի դիմաց Մանոլո Գրաներոյին սեղմեց պատնեշին։ Ես այնտեղ էի, Ֆինիտոյի հետ, տեսա։ Ցուլը եղջյուրի հարվածով փշրեց Գրաներոյի զանգը, գլուխը մտավ estribo<ref>Ճաղ (իսպ․)։</ref>֊յի տակը, barrera<ref>Պատնեշ, ցանկապատ (իսպ․)։</ref>֊յի հիմքի մոտ։
 +
 +
― Իսկ դու հոտ առա՞ր, ― հարցրեց Ֆերնանդոն։
 +
 +
― Ոչ, ― ասաց Պիլարը։ ― Ես շատ հեռու էի։ Մենք երրորդ tendido֊յի յոթերորդ շարքում էինք։ Կողքից լավ էր երևում, դրա համար էլ ամեն ինչ տեսա։ Այդ իրիկուն Ֆորնոսում Բլանկետը Ֆինիտոյին պատմեց այդ դեպքը։ Բլանկետը ժամանակին աշխատել էր Խոստելիտոյի հետ և նրա սպանվելն էլ էր տեսել։ Ֆինիտոն նայեց Խուան Լուիս դե լա Ռոսային, սա լուռ գլխի շարժումով հաստատեց Բլնակետի պատմածը։ Այս ամենը իմ աչքի առաջ է կատարվել։ Այնպես որ, Ingles, ես քեզ միայն մի բան կասեմ, ոնց որ Չիկուելոն ու Մարսիալ Լալանդան, banderillero֊ներն ու պիկադորները, Խուան Լուիսի ու Մանոլո Գրաներոյի մարդիկ էին խուլ, ոնց որ նրանց այդ օրը ոչ մի բան չէր հասնում, այդպես էլ դու ես։ Իսկ Խուան Լուիսն ու Բլանկետը խուլ չեն։ Խուլ չեմ նաև ես։
 +
 +
― Ինչո՞ւ ես ասում խուլ, երբ խոսքը վերաբերում է հոտառությանը, ― հարցրեց Ֆերնանդոն։
 +
 +
― Leche,<ref>Հայհոյանք իսպաներեն։</ref> ― ասաց Պիլարը։ ― Դո՛ւ պիտի պրոֆեսոր լինեիր, և ոչ թե Ingles֊ը։ Բայց ես կարող եմ, Ingles, թվել քեզ այնպիսի բաներ, որոնք դու պարզապես անկարող ես տեսնելու կամ լսելու։ Դու չես կարող լսել այն, ինչ լսում է շունը։ Ոչ էլ կարող ես առնել շան առած հոտը։ Բայց փորձառությամբ արդեն գիտես, թե ինչեր կարող են պատահել մարդուն։
 +
 +
Մարիան ձեռքը դրեց Ռոբերտ Ջորդանի ուսին ու այդպես մնաց։ Վերջացնել է պետք այս անմտությունը, մտածեց Ռոբերտ Ջորդանը, պետք է օգտվել ժամանակի ընձեռած հնարավորություններից։ Բայց թե շուտ է քնելու համար։ Դեռ պետք է ժամանակ սպանել, ուստի և դարձավ Պաբլոյին։
 +
 +
― Դու հավատո՞ւ ես այդ կախարդություններին։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց Պաբլոն։ ― Ես ավելի քո կարծիքին եմ։ Ինձ երբեք ոչ մի գերբնական բան չի պատահել։ Իսկ վախը իհարկե ծանոթ է։ Լավ ծանոթ։ Բայց որ Պիլարը ձեռքի ափի մեջ նայելով կարող է գուշակել, դրան հավատում եմ։ Թերևս այդ հոտն էլ առած լինի, եթե չի ստում։
 +
 +
― Que va, ինչո՞ւ պիտի ստեմ, ― ասաց Պիլարը։ ― Դա իմ հնարած բանը չէ։ Բլանկետը շատ լուրջ մարդ էր, ավելին, շատ հավատացյալ։ Նա գնչու չէր, այլ վալենսիացի բուրժուա։ Չե՞ս տեսել դու նրան։
 +
 +
― Տեսել եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ եմ տեսել։ Կարճահասակ, գորշ դեմքով մարդ էր։ Ոչ ոք այդքան վարպետորեն չէր խաղացնում ցլին կատաղեցնող կարմիր կտորը, և շատ թեթևաշարժ էր, կարծես նապաստակ լիներ։
 +
 +
― Ճիշտ է, ― ասաց Պիլարը։ ― Դեմքի գորշությունը սրտից էր, սիրտը լավ չէր, գնչուներն ասում էին, որ մահն անընդհատ պտտվում է նրա շուրջը, իսկ նա ձեռքի կարմիր կտորով հեռու էր վանում, ինչպես փոշին են սրբում սեղանի վրայից։ Եվ չնայած որ գնչու չէր, Խոսելիտոյի մահվան հոտն առել էր Տալավերայում, ցլամարտի ժամանակ։ Բայց ես հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս, որովհետև մանսանիլլայի հոտը լցրել էր օդը։ Բլնակետը այդ դեպքի մասին չկամությամբ էր պատմում, լսողները չէին հավատում, ասում էին ցնորք է, կամ էլ՝ դա Խոսեի թևատակերի քրտնքի հոտն է եղել, որովհետև այդ օրերին Խոսեն բուռն կյանք էր վարում։ Բայց հետագայում Մանոլո Գրաներոյի դեպքն եղավ, և սա արդեն Խուան Լուիս դե լա Ռոսան կարող էր հաստատել։ Ճիշտ է, Խուան Լուիսին առանձնապես չէին հարգում, թեև իր գործի լավ մասնագետն էր։ Լավ էլ կնամոլ էր։ Բլանկետը շատ լուրջ մարդ էր, շատ հանգիստ և բոլորովին անընդունակ սուտ խոսելու։ Հիմա էլ, ահա, ես եմ ասում, որ քո գործընկերոջ վրայից մահվան հոտ եմ առել։
 +
 +
― Ես դրան չեմ հավատում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նախ որ, դու ասացիր Բլանկետն այդ հոտը առել է ցլամարտն սկսվելուց անմիջապես առաջ։ Հետո, դուք այդ գնացքը հաջողությամբ պայթեցրել եք, Կաշկինն այդ ժամանակ չի սպանվել։ Ինչպե՞ս կարող էիր ուրեմն դու այդ հոտն առնել։
 +
 +
― Դա կապ չունի, ― բացատրեց Պիլարը։ ― Իգնասիո Սանչես Մեխիասից վերջին սեզոնին այնքան ուժեղ էր փչում մահվան հոտը, որ բոլորը խուսափում էին սրճարանում կողքին նստելուց։ Բոլոր գնչուները գիտեին այդ բանը։
 +
 +
― Այդ բոլորը մահվանից հետո հնարած բաներ են, ― առարկեց Ռոբերտ Ջորդանը։ ― Բոլորի համար էլ պարզ էր, որ Սանչես Մեխիասը ընդհուպ մոտեցել է cornada<ref>Եղջյուրահարում (իսպ․)։</ref>֊ին, որովհետև շատ երկար ժամանակ էր, ինչ չէր մարզվում, որովհետև նրա ոճը ծանր էր ու վտանգավոր, որովհետև կորցրել էր ուժն ու կարողությունը, և արդեն չկային նախկին բնազդական խուսանավումները։
 +
 +
― Անպայման, ― ասաց Պիլարը։ ― Այդ բոլորը ճիշտ են։ Բայց դրա հետ միասին ամեն մի գնչու առնում էր նրանից փչող մահվան հոտը, և երբ նա Վիլլա Ռոսա էր գալիս, Ռիկարդոն և Ֆելիպե Գոնսալեսը թողնում֊հեռանում էին բարի ետևի դռնից։
 +
 +
― Երևի փող են պարտք եղել նրան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Հնարավոր է, ― ասաց Պիլարը։ ― Շատ հնարավոր։ Բայց ճշմարիտ է և այն, որ նրանք ևս առել էին այդ հոտը, և դա բոլորը գիտեին։
 +
 +
― Ինչ որ ասում է, ճիշտ է, Ingles, ―ասաց գնչու Ռաֆայելը։ ― Մերոնց համար դա շատ ծանոթ բան է։
 +
 +
― Ես դրան չեմ հավատում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Լսի՛ր, Ingles, ― սկսեց Անսելմոն։ ― Ես դեմ եմ այդ կախարդություններին։ Բայց բոլորն էլ ասում են, որ այս բաների մեջ Պիլարը շատ է առաջ գնացել։
 +
 +
― Բայց դա ինչի՞  հոտին է նման, ― հարցրեց Ֆերնանդոն։ ― Ի՞նչ բույր է։ Եթե բույր է, ուրեմն պետք է որոշակի բույր լինի։
 +
 +
― Ուզում ես իմանալ, հա՞, Ֆերնանդո, ― ժպտաց Պիլարը։ ― Կարծում ես, որ կկարողանա՞ս այդ հոտն առնել, հա՞։
 +
 +
― Եթե իսկապես գոյություն ունի, ինչո՞ւ ուրիշների նման ես ևս պիտի չկարողանամ։
 +
 +
― Իսկապես, ինչո՞ւ պիտի չկարողանաս, ― ծիծաղելով ասաց Պիլարն ու ծնկերն առավ երկու խոշոր ձեռքերի մեջ։ ― Երբևէ նավի վրա եղե՞լ ես, Ֆերնանդո։
 +
 +
― Ոչ։ Չեմ էլ մտածում լինել։
 +
 +
― Ուրեմն չես կարող իմանալ, որովհետև այդ հոտի մի մասնիկը առաջանում է նավի վրա, փոթորկի ժամանակ, երբ փակում են լուսանցույցները և տախտակամածն սկսում է փախչել ոտիդ տակից, ստամոքսդ դատարկվում է կարծես ու թվում է, թե նվաղում ես։ Այդ պահին, ահա, մոտեցիր լուսանցուցյցի պղնձե բռնակին ու հոտոտա, և դու ինչ֊որ չափով կառնես այդ հոտը։
 +
 +
― Ուրեմն ես դա չեմ իմանա, որովհետև երբեք նավով չեմ ճամփորդի, ― ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Ես նավով մի քանի անգամ ճամփորդել եմ, ― ասաց Պիլարը։ ― Գնացել եմ Մեքսիկա, Վենեսուելա։
 +
 +
― Ուրիշ ի՞նչ հոտ է զգացվում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ Պիլարը ծաղրալից հայացքը գցեց նրա վրա՝ հպարտությամբ հիշելով հիմա իր ճանապարհորդությունները։
 +
 +
― Դե լավ, Ingles: Սովորի՛ր։ Ճիշտ ես վարվում։ Սովորի՛ր։ Դե լավ։ Դա, ուրեմն, նավի վրայի հոտն էր։ Հիմա լսիր հաջորդը։ Վաղ առավոտյան Մադրիդի Տոլերյան կամրջով իջիր matadero,<ref>Սպանդանոց (իսպ․)։</ref> Մանսանարեսից բարձրացող մառախուղի մեջ կանգնիր թաց սալահատակին և սպասիր պառավներին, որոնք գալիս են այդտեղ լուսաբացին մորթված կենդանիների արյուն խմելու։ Երբ գորշադեմ և դատարկ աչքերով, շալի մեջ փաթաթված այդ պառավներից մեկնումեկը դուրս գա matadero֊յից և նրա այտերին ու ծնոտին խոր ծերության օրերին բռնած մազաթելեր լինեն, ոչ թե սովորական մազեր, այլ մազափնջեր, ինչպես բակլայի պատիճի ծայրին են լինում, բայց ոչ թե սև, այլ սպիտակ և ցից֊ցից կանգնած դժգույն ու անկենդան մոմե երեսին, մոտեցի՛ր նրան, Ingles, մոտեցի՛ր և առ թևերիդ մեջ, գրկի՛ր ամուր ու համբուրի՛ր շրթները, և ինչ֊որ չափով դու դարձյալ կզգաս այն հոտը, կշնչես ու կիմանաս ևս մի մասնիկը։
 +
 +
― Այդ մեկից արդեն ախորժակս փակվեց, ― ասաց գնչուն։ ― Այդ մազափնջերը, չէ դա արդեն չափից դուրս է։
 +
 +
― Էլի ուզո՞ւմ ես ասեմ, ― հարցրեց Պիլարը Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
― Անշուշտ, ― ասաց նա։ ― Որ սովորել է, սովորենք։
 +
 +
― Այդ պառավի մազափնջերից սիրտս խառնում է, ― ասաց գնչուն։ ― Պիլար, այդ ինչի՞ց են դրանք առաջ գալիս այդ պառավների մոտ։ Մեզ այդպիսի բան չի լինում։
 +
 +
― Չէ, չի լինում, ― ծաղրեց Պիլարը։ ― Մեզ է լինում, մեզ, պառավներին, որոնք իրենց երիտասարդության օրերին եղել են նուրբ ու սլացիկ, բացառություն են հավերժ ուռած գնչու կանայք, որոնց փորը միշտ իրենցից առաջ է վազում, որպես վկայություն ամուսինների սիրո։
 +
 +
― Ինչո՞ւ ես այդպիսի բաներ խոսում, ― ասաց Ռաֆայելը։ ― Ամոթ է։
 +
 +
― Ախ այդպես, վիրավորվեցիր, հա՞, ― ասաց Պիլարը։ ― Իսկ դու տեսե՞լ ես որևէ գնչուհու, որը ուր որ է ծնելու կամ էլ հենց նոր ծնած չլինի։
 +
 +
― Դու։
 +
 +
― Թո՛ղ, ― ասաց Պիլարը։ ― Վիրավորել ում ասես կարելի է։ Իմ ասածն այն է, որ տարիքը բոլորին էլ ինչ֊որ ձևով այլանդակում է։ Մանրամասնությունների մեջ մտելու կարիք չկա։ Բայց եթե Ingles֊ն ուզում է սովորել տարբերել այդ հոտը, պետք է վաղ առավոտյան գնա matadero:
 +
 +
― Կգնամ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց չեմ համբուրի, կողքովս որ անցեն, կառնեմ հոտը։ Ես էլ Ռաֆայելի նման, զզվում եմ այդ մազափնջերից։
 +
 +
― Համբուրիր մեկնումեկին, ― ասաց Պիլարը։ ― Համբուրիր, Ingles, ի սեր իմացության, համբուրիր մի պառավի, և պահիր այդ հոտը ռունգերիդ մեջ ու վերադարձիր քաղաք, և երբ փողոցի մի աղբարկղում կտեսնես թառամած ծաղիկներ, մխրճիր քիթդ դրանց մեջ ու շնչիր, և թող այդ նոր հոտը խառնվի այն մեկին, որով լցվել էին ռունգերդ։
 +
 +
― Շնչեցի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այդ հոտն էլ առա։
 +
 +
― Հետո, ― ասաց Պիլարը, ― անձրևոտ կամ մառախլապատ մի օր, դա կարևոր է, աշնանը, կարելի է նաև ձմեռնամուտին, շարունակիր քայլել քաղաքի փողոցներով, իջիր Կալլե դե Սալյուդ, մոտեցիր casa de puras<ref>Հասարակաց տներ(իսպ․)։</ref>֊ներին այն պահին, երբ այնտեղից դույլերով դուրս են բերում և օճառաջրի հետ մայթեզրի առվակները լցնում անպտուղ սիրո ու ծխախոտի թափուկները, շնչիր ու զգա այդ քաղցրավուն ու տարտամ հոտը և շարունակիր ճամփադ, գնա բուսաբանական այգի, այդտեղ, գիշերները, այգու երկաթյա դարպասների, երկաթյա ճաղերի դիմաց, տասը սանտիմից մինչև մեկ պեսետ վարձով նրանք անում են այն ամենը, ինչ ցանկանում է տղամարդը, ամենահասարակ բանից մինչև այն մեծ գործը, որի համար ծնվել ենք մենք, և այդտեղ, թառամած, բայց դեռ արմատախիլ չարված ծաղիկների թմբի վրա, որն ավելի փափուկ է, քան մայթը, կգտնես դեն գցած մի պարկ և դրանից կառնես հոտը խոնավ հողի, թառամած ծաղիկների ու այն ամեն ինչի, որ կատարվել է այդ գիշեր դրա վրա։ Այդ պարկի մեջ իրար են խառնված անկենդան հողի, չորացած ցողունների, թառամած ծաղկաթերթիկների, մարդու մահվան ու մարդու ծնունդի հոտերը։ Հագցրո՛ւ, ահա, այդ պարկը գլխիդ ու փորձիր շնչել։
 +
 +
― Ո՛չ։
 +
 +
― Այո՛, ― ասաց Պիլարը։ ― Հագցրու այդ պարկը գլխիդ ու փորձիր շնչել, և, եթե տակավին մնացել են ռունգերիդ մեջ նախկին հոտերը, դու էլ մեզ նման կճանաչես մահվան հոտը։
 +
 +
― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ուրեմն ասում ես, որ երբ Կաշկինն այստեղ էր, նրանից այդպիսի հոտ էր գալի՞ս։
 +
 +
― Այո։
 +
 +
― Դե, ― ծանր֊ծանր ասաց Ռոբերտ Ջորդանը, ― ուրեմն ճիշտ եմ վարվել, որ սպանել եմ։
 +
 +
― Ole, ― ասաց գնչուն։ Բոլորը ծիծաղեցին։
 +
 +
― Շատ լավ էր, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Լավ բռնեցիր։
 +
 +
― Բայց, Պիլար, ― ասաց Ֆերնանդոն, ― դու անշուշտ այն կարծիքին չես, որ դոն Ռոբերտոյի նման կրթված մարդն այդ ստոր բաները կանի։
 +
 +
― Ոչ, այդ կարծիքին չեմ, ― համաձայնեց Պիլարը։
 +
 +
― Այդ ամենը շատ նողկալի է։
 +
 +
― Այո, ― համաձայնեց Պիլարը։
 +
 +
― Դու նրա կողմից նման նվաստացուցիչ արարքներ չես ակնկալում, չէ՞։
 +
 +
― Ոչ, ― ասաց Պիլարը։ ― Գնա քնիր, եղա՞վ։
 +
 +
― Բայց, Պիլար․․․ ― շարունակեց Ֆերնանդոն։
 +
 +
― Լռի՛ր, բավական է, ― ասաց հանկարծ չարացած Պիլարը։ ― Ի՞նչ ես քեզ գժի տեղ դրել, ես էլ, բավական է, ինչ խելքս դրեցի ձեզ հետ, փորձում եմ անհասկացողներին բան բացատրել։
 +
 +
― Խոստովանում եմ, ես չեմ հասանում, ― սկսեց Ֆերնանդոն։
 +
 +
― Ո՛չ խոստովանիր, ո՛չ էլ փորձիր հասկանալ, ― ասաց Պիլարը։ ― Ձյունը գալի՞ս է դեռ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը գնաց դեպի քարայրի մուտքը, տապճակը բարձրացրեց ու դուրս նայեց։ Ձյունը դադարել էր, պարզկա, ցուրտ գիշեր էր։ Նայեց ծառերի բների ուղղությամբ՝ համատարած սպիտակ էր, հետո նայեց ծառերի կատարներին, վերև, ջինջ երկնքին։ Շնչեց, թոքերը լցվեցին սուր ու սառն օդով։
 +
 +
Եթե Էլ Սորդոն գնացել է ձի գողանալու, հետքերը կմնան, մտածեց նա։
 +
 +
Տապճակն իջեցրեց ու վերադարձավ ծխամած քարայրը։
 +
 +
― Երկինքը պարզվել է, ― ասաց։ Բուքը դադարել է։
 +
 +
==Գլուխ քսաներորդ==
 +
 +
Գիշեր էր, հիմա պառկած սպասում էր աղջկան։ Քամին դադարել էր, համատարած ձյան վրա երևում էին անշարժ կանգնած սոճիների բները։ Պառկել էր իր սարքած զսպանակվող մահճակալի վրա փռված տաքուկ ննջապարկում, ոտքերը երկարել, սուր ու սառն օդը խփում էր գլխին և շնչելիս լցվում ռունգերը։ Շորերը հանել էր, կոշիկները փաթաթել շալվարի ու բաճկոնի մեջ և բարձի փոխարեն դրել գլխի տակ, աջ թևի բազուկին կապած ծանր ատրճանակը հիմա ընկել էր կողի տակ։ Ատրճանակը մի կողմ քաշեց, ազատվեց մետաղի սառնությունից, ավելի խոր սուզվեց ննջապարկի մեջ ու շարունակեց նայել ապառաժի սև պատռվածքին, որը քարայրի մուտքն էր։ Երկինքը պարզ էր, ձյան վրա արտացոլվող աստղերի լույսի տակ երևում էին և՛ ծառերի բները, և՛ քարայրը։
 +
 +
Երեկոյան վերցրել էր կացինը, դուրս էր եկել քարայրից ու թարմ ձյան վրայով գնացել էր մինչև բացատի ծայրը և մի մատղաշ եղևնի կտրել։ Խավարի մեջ քարշ տալով բերել էր մինչև քարայրի ուղղաբերձ ապառաժի մոտ։ Այդտեղ, մի ձեռքով ծառի բունը պահած, մյուսով կացինը թեթևակի բարձրացնելով֊իջեցնելով, կտրատել էր ճյուղերը։ Մերկացած բունը գցել էր մի կողմ, գնացել էր քարայր, այնտեղից բերել էր պատի տակ դրված տախտակը, դրանով մաքրել էր ուղղաբերձ ապառաժի տակի ձյունը, հետո մեկ առ մեկ թափ էր տվել եղևնու ճյուղերը ու շարել թռչնի փետուրների դասավորությամբ։ Մերկացած բունը լայնակի դրել էր ոտքերի կողմը, որպեսզի ճյուղերն առաջ չգնան, քարայրից բերած տախտակի կողքից մի մասը կտրել էր, ցցեր սարքել ու շարքով խփել գետնի մեջ՝ ճյուղերի կողքին։ Այնուհետև գնացել էր քարայր, սողոսկել տապճակի կողքով և կացինն ու տախտակը դրել պատի տակ։
 +
 +
― Մահճակալ սարքեցի։
 +
 +
― Ես այդ տախտակը պահում էի դարակներ շինելու համար, դու մահճակալ ես սարքում։
 +
 +
― Ներողություն։
 +
 +
― Դե լավ, ոչինչ, ― ասաց Պիլարը։ ― Էլի կճարենք, սղոցարանում շատ կա։ Ասա տեսնենք, այդ ի՞նչ մահճակալ ես սարքել։
 +
 +
― Այնպիսին, ինչ իմ երկրում։
 +
 +
― Դե ուրեմն քաղցր քուն, ― ասել էր Պիլարը, իսկ Ռոբերտ Ջորդանը բացել էր ուսապարկերից մեկը, հանել էր ննջապարկը, նրանով  փաթաթված իրերը նորից դրել ուսապարկը, տապճակի տակով սողոսկելով դարձյալ դուրս էր եկել քարայրից, ննջապարկը փռել էր ապառաժե պատի տակ դարսված ճյուղերի վրա, ոտի կողմը քաշել էր մինչև լայնակի դրված եղևնու բունը։ Գլուխն ընկել էր պատի կողմը։ Հետո վերադարձել էր քարայր, որպեսզի ուսապարկերը տանի, բայց Պիլարն ասել էր․
 +
 +
― Այս գիշեր էլ թող մնա այնտեղ։
 +
 +
― Ժամապահներ չե՞ն լինելու, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Բուքը դադարել է, եկինքը՝ պարզվել։
 +
 +
― Ֆերնանդոն հիմա կգնա, ― ասել էր Պիլարը։
 +
 +
Մարիան քարայրի հեռավոր անկյունում էր, Ռոբերտ Ջորդանը չէր տեսել նրան։
 +
 +
― Բարի գիշեր բոլորին, ― ասել էր նա։ ― Ես գնացի քնելու։
 +
 +
Բոլորն զբաղված էին փայտե սեղաններն ու անմշակ մորթիով ծածկված աթոռները մի կողմ քաշելով և քնելու տեղ բաց անելով օջախի մոտ, ներքնակներ ու վերմակներ էին փռում հատակին։ Միայն Անդրեսն ու Պրիմիտիվոն էին բարձրացրել գլուխներն ու Buenas noches ասել։
 +
 +
Անսելմոն քնած էր արդեն անկյունում, ամողջովին փաթաթված վերմակի ու թիկնոցի մեջ, նույնիսկ քիթը չէր երևում։ Պաբլոն քնել էր նստած տեղը։
 +
 +
― Ուզո՞ւմ ես ոչխարի մորթի տամ, փռիր տակդ, ― ցածրաձայն հարցրել էր Պիլարը Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
― Չէ, ― ասել էր։ ― Շնորհակալ եմ։ Պետք չէ։
 +
 +
― Հանգիստ քնիր, ― ասել էր կինը։ ― Ես կսհկեմ պարկերիդ։
 +
 +
Ֆերնանդոն Ռոբերտ Ջորդանի հետ դուրս էր եկել քարայրից և մի պահ կանգնել ու նայել էր, թե ինչպես է նա ննջապարկը փռում։
 +
 +
― Տարօրինակ միտք է ծագել գլխումդ, դոն Ռոբերտո, քնել բաց երկնքի տակ, ― ասել էր Ֆերնանդոն խավարի մեջ՝ թիկնոցով փաթաթված, կարաբինը ձեռքին։
 +
 +
― Ես սովոր եմ։ Բարի գիշեր։
 +
 +
―Հա, եթե սովոր ես։
 +
 +
― Քեզ ե՞րբ են փոխարինելու։
 +
 +
― Չորսին։
 +
 +
― Մինչև չորսը դեռ շատ կա, լավ կսառչես։
 +
 +
― Ես սովոր եմ, ― ասել էր Ֆերնանդոն։
 +
 +
― Հա, եթե սովոր ես, ― քաղաքավարությամբ ասել էր Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Այո, ― համաձայնել էր Ֆերնանդոն։ ― Արդեն պետք է բարձրանամ։ Բարի գիշեր, դոն Ռոբերտո։
 +
 +
― Բարի գիշեր, Ֆերնանդո։
 +
 +
Այնուհետև հանած շորերը փաթաթել էր, դարձրել էր բարձ, մտել ննջապարկ, ձգվել ու սպասել։ Հիմա ձյան վրայով հայացքը սևեռել էր քարայրի մուտքին և զգում էր ննջապարկի ֆլանելի նուրբ ջերմությունը, եղևնու ճյուղերի զսպանակումը, սպասումից ուժգնացող սրտի տրոփյունը։ Շնչեց, և ռունգերը լցվեցին տակը փռված եղևնու ճյուղերի բույրով, ճմլված ասեղնատերևների եղևնաբույրով և կտրվածքներից վազած խեժի սուր բուրմունքով։ Պիլարը, ասաց ինքն իրեն։ Պիլարը և մահվան հոտը։ Իմ սիրած հոտը սա է։ Սա, նաև նոր հնձած երեքնուկի, և օշինդրի, որ տրորվել է նախիրի կճակների տակ, փայտի ծխի, կրակ տված աշնան տերևների։ Երևի այս մեկը երկրի կարոտի բույրն է, այն որ տարածվում է աշնանը Միսուլայում, երբ վառում են փողոցներում կույտ֊կույտ հավաքված խաշամը։ Ո՞ր հոտը կուզեիր առնել այս պահին։ Բուրումնավետ այն խոտի՞, որն հնդկացիները դնում են զամբյուղի հատակին։ Ծխահարված կաշվի՞։ Գարնան անձրևից հետո գետնից բարձրացող բո՞ւյրը։ Ծովի՞, որ լցվում է ռունգերդ, երբ քայլում ես Գալիսիայի ափամերձ որոճների միջով։ Քամո՞ւ, որ գիշերները փչում է Կուբայից և բերում ծաղկած կակտուսի, միմոզայի ու ծովախաղողի բույրը։ Գուցե կնախնտրեիր տապակած բեկոնի՞ հոտը, որն առավոտյան սոված փորիդ խփում էր քթիդ, գուցե սուրճի՞, կամ Ջոնաթան խնձորի՞, որ առնում ես ատամներիդ տակ։ Գուցե տակավին հնձանում գտնվող մրգահյութի՞ կամ փռից նոր հանած հացի՞։ Երևի սովածացել ես, ասաց ինքն իրեն և շուռ եկավ կողքի ու նորից սկսեց նայել քարայրի մուտքին, որ լուսավորվել էր ձյան վրա աստղերի արտացոլքից։
 +
 +
Տապճակի տակից մեկը դուրս եկավ, կանգնեց ժայռի պատռվածքի մեջ, որը քարայրի մուտքն էր, քիչ անց գլգլոց լսվեց, հետո մուտքի մեջ կանգնած մարդը նորից անցավ տապճակի ետևը։
 +
 +
Կարծում եմ մինչև բոլորը չքնեն, չի գա, մտածեց։ Ժամանակն իզուր կորչում է։ Գիշերվա կեսն է արդեն։ Ա՜խ, Մարիա՛։ Շուտ արի, Մարիա՛, որովհետև ժամանակը քիչ է։ Լսվեց ծառի ճյուղից հատակին ընկած ձյան մեղմ ձայնը։ Թեթև քամի էր բարձրացել։ Դեմքի վրա զգաց քամու շոյանքը։ Մի պահ, հանկարծ, խուճապի մատնվեց, որ աղջիկը կարող է և չգալ։ Քամին հիշեցրեց, որ առավոտը մոտ է։ Քամու հետ ավելացավ նաև սոճիների տարուբերվող կատարներից թափվող ձյան աղմուկը։
 +
 +
Արի՛ արդեն, Մարիա՛։ Շուտ արի, խնդրում եմ, ասաց ինքն իրեն։ Ախ արի՛, արի՛։ Մի՛ սպասիր։ Ի՞նչ կարևոր է հիմա քնել են նրանք, թե ոչ։
 +
 +
Հետո տեսավ, թե ինչպես քարայրի մուտքը ծածկող տապճակի տակից Մարիան դուրս եկավ։ Մի պահ մնաց կանգնած։ Ռոբերտ Ջորդանը գիտեր, որ նա էր, բայց չէր հասկանում, թե ինչո՞ւ է կանգնել֊մնացել։ Շատ ցածր ձայնով սուլեց, բայց նա շարունակում էր ժայռի ստվերին կանգնած ինչ֊որ բան անել։ Հետո ձեռքին մի բան պահած, երկար սրունքները գցելով՝ ձյան վրայով վազելով եկավ։ Ննջապարկի մոտ չոքեց, գլուխը ուժեղ խփվեց Ռոբերտ Ջորդանի գլխին, սկսեց ոտներից ձյունը սրբել, համբուրել տղային և ձեռքի կապոցը տվեց նրան։
 +
 +
― Սա էլ դիր բարեիդ տակ, ― ասաց։ ― Ներսում հանվեցի, որ ժամանակ շահենք։
 +
 +
― Բոբի՞կ ես եկել։
 +
 +
― Այո, ― ասաց աղջիկը, ― և հագիս միայն հարսնական շապիկս է։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նրան առավ թևերի մեջ ու ամուր սեղմեց, իսկ աղջիկը գլուխը քսում էր նրա ծնոտին։
 +
 +
― Ոտներիս մի դիպչի, ― ասաց աղջիկը։ ― Շատ սառն են, Ռոբերտո։
 +
 +
― Մոտ բեր, տաքացնեմ։
 +
 +
― Չէ, ― ասաց նա։ ― Իրենք իրենց կտաքանան շուտով։ Բայց դու ինձ ասա, հիմա, արագ, ասա, որ սիրում ես ինձ։
 +
 +
― Սիրում եմ քեզ։
 +
 +
― Լավ է։ Լավ։ Լավ։
 +
 +
― Սիրում եմ քեզ, փոքրիկ նապաստակ։
 +
 +
― Իսկ հարսնական շապի՞կս, սիրո՞ւմ ես։
 +
 +
― Դա նույն երեկվա շապի՞կն է։
 +
 +
― Այո։ Երեկ գիշերվա։ Հարսնական շապիկս է։
 +
 +
― Ոտներդ մոտիկ բեր։
 +
 +
― Չէ։ Լավ է։ Իրենք իրենց կտաքանան։ Ես չեմ զգում սառնությունը։ Դրսից են միայն սառն, այն էլ ձյան վրա քայլելուց էր։ Նորից ասա։
 +
 +
― Սիրում եմ քեզ, փոքրիկ նապաստակս։
 +
 +
― Ես քեզ նույնպես, սիրում եմ, ես քո կինն եմ։
 +
 +
― Քնե՞լ էին արդեն բոլորը։
 +
 +
― Չէ, ― ասաց աղջիկը։ ― Բայց այլևս չէի կարողանում դիմանալ։ Իսկ կարևո՞ր է դա։
 +
 +
― Բոլորովին, ― ասաց նա և գրկեց ու սեղմեց աղջկա բարակ, երկար ու հրաշալի տաք մարմինը։ ― Սրանից բացի ոչ մի բան կարևորություն չունի։
 +
 +
― Դիր ձեռքդ գլխիս, ― ասաց աղջիկը, ― ու թող տեսնեմ կարողանո՞ւմ եմ համբուրել քեզ։ Լա՞վ էր, ― հարցրեց։
 +
 +
― Այո, ― ասաց նա։ ― Հանիր հարսնական շապիկդ։
 +
 +
― Պե՞տք է հանեմ։
 +
 +
― Այո, եթե չես մրսում։
 +
 +
― Que va: Ի՞նչ մրսել։ Վառվում եմ։
 +
 +
― Ես նույնպես։ Իսկ հետո չե՞ս մրսի։
 +
 +
― Չէ։ Հետո մենք կդառնանք ոնց որ անտառի մի գազան, մեկ հոգի, և այնքան մոտիկ մեկս մյուսին, որ հնարավոր չի լինի որոշել, թե որը որն է։ Դու չե՞ս զգում՝ իմ սիրտը կարծես քո սիրտը լինի։
 +
 +
― Այո։ Ոչ մի տարբերություն։
 +
 +
― Հիմա զգացի՞ր, ես դու եմ, իսկ դու՝ ես, և մեզնից յուրաքանչյուրը մյուսն է։ Եվ ես սիրում եմ քեզ, այնպես եմ, ախ սիրում։ Մենք իսկապես մեկ հոգի չե՞նք։ Դու դա չե՞ս զգում։
 +
 +
― Զգում եմ, ― ասաց նա։ ― Իրոք այդպես է։
 +
 +
― Իսկ հիմա ականջ դիր։ Քո սիրտը չկա, կա միայն իմը։
 +
 +
― Ոչ էլ սրունքները կան, ոտքերը, մարմինը։
 +
 +
― Բայց և այնպես տարբեր ենք, ― ասաց աղջիկը։ ― Իսկ ես կուզեի, որ ճիշտ ու ճիշտ նույնը լինեինք։
 +
 +
― Երևի ուրիշ բան ես ուզում ասել։
 +
 +
― Ոչ։ Հենց դա։ Ուզում եմ։ Հենց դա էի ուզում ասել։
 +
 +
― Երևի ուրիշ բան ես ուզում ասել։
 +
 +
― Գուցե, ― ասաց աղջիկը ցածրաձայն՝ շրթունքները հպած Ռոբերտ Ջորդանի ուսերին։ ― Սակայն դա էի ուզում ասել։ Իսկ քանի որ տարբեր ենք, ապա ուրախ եմ, որ դու Ռոբերտոն ես, ես՝ Մարիան։ Բայց եթե երբևէ ցանկանաս փոխվել, ես հաճույքով կփոխվեմ քեզ հետ։ Ես կդառնամ դու, որովհետև շատ֊շատ եմ սիրում քեզ։
 +
 +
― Ես չեմ ուզում փոխվել։ Ավելի լավ է մեկ և նույն հոգին մնալ ու յուրաքանչյուրը թող լինի այն, ինչ ինքն է։
 +
 +
― Բայց մենք հիմա կդառնանք մեկ հոգի և այլևս երբեք չենք բաժանվի։ ― Հետո ասաց։ ― Ես կդառնամ դու, երբ դու այստեղ չես լինի։ Այնպես եմ սիրում քեզ, ախ, այնպե՜ս եմ ուզում գուրգուրել քեզ։
 +
 +
― Մարիա՛։
 +
 +
― Այո՛։
 +
 +
― Մարիա՛։
 +
 +
― Այո՛։
 +
 +
― Մարիա՛։
 +
 +
― Այո՛, այո՛, սիրելի՛ս։
 +
 +
― Չե՞ս մրսում։
 +
 +
― Ո՛չ, ո՛չ։ Դու ուսերդ ծածկիր։
 +
 +
― Մարիա՛։
 +
 +
― Խոսել չեմ կարող։
 +
 +
― Մարիա՛։ Ա՜խ, Մարիա՛։ Մարիա՛։
 +
 +
Դրսում ցուրտ գիշեր էր, տաքուկ ննջապարկում իրար սեղմված պառկել էին հիմա, և աղջիկը, խաղաղ ու երջանիկ, գլուխը հպած Ռոբերտ Ջորդանի այտին, ցածրաձայն ասաց․
 +
 +
― Իսկ դո՞ւ։
 +
 +
― Como tu<ref>Ինչպես դու (իսպ․)։</ref> ― ասաց նա։
 +
 +
― Այո, ― ասաց աղջիկը։ ― Բայց ցերեկվա նման չէր։
 +
 +
― Չէր։
 +
 +
― Բայց սա ավելի լավ է։ Կարիք կա՞ մահվան դուռը հասնելու։
 +
 +
― Ojala no, ― ասաց նա։ ― Հույս ունեմ, որ չկա։
 +
 +
― Ես դա նկատի չունեմ։
 +
 +
― Գիտեմ։ Գիտեմ, թե ինչը նկատի ունես։ Մենք նույն բանը նկատի ունենք։
 +
 +
― Հապա ինչո՞ւ շուռ տվեցիր, ինչո՞ւ չասացիր այն, ինչ նկատի ունեմ։
 +
 +
― Տղամարդիկ այդպես են, տարբերվում են։
 +
 +
― Եթե այդպես է, ուրեմն ուրախ եմ, որ մենք տարբեր մարդիկ ենք։
 +
 +
― Ես նույնպես, ― ասաց նա։ ― Ես հասկացել էի, թե դու որ մեռնելը նկատի ունես, բայց տղամարդու սովորությամբ այդպես ասացի։ Ես նույնն եմ զգում, ինչ դու։
 +
 +
― Ինչպիսին էլ լինես, ինչպես էլ խոսես, հենց իմ ուզածն ես։
 +
 +
― Սիրում եմ քեզ, սիրում եմ և քո անունը, Մարիա։
 +
 +
― Սովորական անուն է։
 +
 +
― Ոչ, ― ասաց նա։ ― Սովորական չէ։
 +
 +
― Իսկ հիմա չքնե՞նք, ― ասաց աղջիկը։ ― Ես հենց աչքերս փակեցի, կքնեմ։
 +
 +
― Քնենք, ― ասաց նա և զգաց, թե ինչպես իր կողքի այդ երկար ու թեթև մարմինը ջերմությամբ ու հեշտանքով էր համակում էությունը, լանջերի, ուսերի, ոտքերի հասարակ, բայց կարծես կախարդական հպումով խորտակում էր մենակության զգացումը և կանգնում էր իր կողքին՝ մահվան դեմ֊հանդիման։ ― Քնի՛ր, հանգիստ քնի՛ր, փոքրիկ երկարասրունք նապաստակ։
 +
 +
― Ես արդեն քնում եմ։
 +
 +
― Ես էլ հիմա կքնեմ, ― ասաց նա։ ― Հանգիստ քնիր, սիրելիս։ ― Հետո քնեց և երջանիկ էր։
 +
 +
Բայց գիշերվա մի պահի արթնացավ և ամուր գրկեց աղջկան, կարծես դա իր ամբողջ կյանքն էր և որը խլում էին իրենից։ Գրկել էր և այնպիսի զգացողություն ուներ, որ նրա մեջ էր իր ողջ կյանքը, և դա իրոք այդպես էր։ Բայց աղջիկը չարթնացավ, նա հանգիստ ու խոր քնել էր։ Շրջվեց կողքի, ննջապարկի բերանը ծալեց, ծածկեց աղջկա գլուխը, համբուրեց վիզը, ատրճանակի կապը քաշեց, ատրճանակը դրեց կողքին՝ ձեռքի տակ, հետո ձգվեց և գիշերային լռության մեջ սկսեց մտածել։
 +
 +
 +
==Գլուխ քսանմեկերորդ==
 +
 +
Լուսաբացին տաք քամի փչեց, նա լսեց ծառերից թափվող հալվող ձյան խուլ ձայնը։ Ուշ գարնանային առավոտ էր։ Երբ շնչեց, անմիջապես հասկացավ, որ ձյունահողմը լոկ մեկ քմայքն էր այդ լեռների և խոր ձյունը մինչև կեսօր կհալչի։ Հետո վարգող ձիու ոտնաձայներ լսեց։ Խոնավ ձյունով ծանրացած սմբակների դոփյուն էր գալիս։ Լսեց կարաբինի պատյանի շխկոց, կաշվի ճռռոց։
 +
 +
― Մարիա, ― ասաց ու ցնցեց աղջկա ուսը, որպեսզի արթնացնի։ ― Ննջապարկից դուրս չգաս։ ― Սկսեց մի ձեռքով շապիկը կոճկել, մյուսով վերցրեց ատրճանակը և բթամատով ապահովիչը իջեցրեց։ Հետո տեսավ, որ աղջկա խուզված գլուխը արագ անհայտացավ ննջապարկում, քիչ անց տեսավ ծառերի արանքով առաջ շարժվող մի ձիավոր։ Կուչ եկավ ննջապարկում, երկու ձեռքով ատրճանակը պահած նշան բռնեց մոտեցող մարդու վրա։ Այդ մարդուն մինչ այդ երբեք չէր տեսել։
 +
 +
Ձիավորն հիմա համարյա իր դիմացն էր։ Տակին մոխրագույն, հսկա մի յաբու էր, գլխին խակի գույնի բերետ էր, ուսերին պոնչոյանման թիկնոց էր գցած, ոտքերին սապոգներ էին։ Աջից ավտոմատ հրացան էր կախված թամբից, երևում էր պատյանից դուրս մնացած կոթը։ Ձիավորը երիտասարդ էր, դեմքը՝ խիստ, և հենց այդ պահին էլ նա տեսավ Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
Նա ձեռքը երկարեց դեպի պատյանը, և երբ կռացավ, որպեսզի վերցնի հրացանը, նրա ձախ կրծքին Ռոբերտ Ջորդանը տեսավ Քրիստոսի սիրտը խորհրդանշող կարմիր ծանուցանիչը։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նշան բռնեց ուղիղ նրա կրծքի կենտրոնին, ծանուցանիշից քիչ ցած։
 +
 +
Ատրճանակի կրակոցի ձայնը դղրդալով տարածվեց ձյունապատ անտառում։
 +
 +
Ձին, կարծես խթանված, սլացավ, իսկ երիտասարդը, որ կռացել էր հրացանը հանելու, սահեց ու ցած ընկավ։ Մի ոտքը մնացել էր ասպանդակի մեջ։ Ձին վազում էր ծառերի արանքներով՝ քարշ տալով բերանքսիվայր ընկած ձիավորին։ Ռոբերտ Ջորդանը դուրս թռավ ննջապարկից՝ ատրճանակը հիմա արդեն մի ձեռքի մեջ պահած։
 +
 +
Մոխրագույն հսկա ձին քառատրոփ գնում էր ծառերի արանքներով։ Քարշվող ձիավորի մարմնի հետքը նեղ շավիղով ձգվում էր ձյան վրա՝ կողքին կարմիր մի գիծ։ Մարդիկ քարայրից դուրս եկան։ Ռոբերտ Ջորդանը բացեց բարձը, հանեց շալվարն ու սկսեց հագնվել։
 +
 +
― Հագնվի՛ր, ― ասաց Մարիային։
 +
 +
Գլխավերևում շատ բարձրից թռչող օդանավի ձայն լսեց։ Ծառերի արանքով տեսավ, թե որտեղ է կանգ առել մոխրագույն ձին՝ կողքին երեսնիվայր կախ ընկած հեծյալը։
 +
 +
― Գնա բռնիր այդ ձին, ― ասաց դեպի իր կողմը եկող Պրիմիտիվոյին։ Հետո հարցրեց․ ― Ո՞վ էր բարձունքի պահակակետում։
 +
 +
― Ռաֆայելը, ― ասաց Պիլարը քարայրի մուտքից, որտեղ կանգնել էր նա մազերի երկու հյուսքերը թիկունքն ի վար կախված։
 +
 +
― Հեծյալ պարեկներ են շրջում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դուրս բերեք ձեր այդ գրողի տարած գնդացիրը։
 +
 +
― Ագուստի՛ն, ― ձայն տվեց Պիլարը քարայրում գտնվող մարդուն, հետո շրջվեց, գնաց ներս, քիչ անց երկու հոգի դուրս եկան քարայրից, մեկի ուսին գնդացիրն էր՝ եռոտանին ցցված օդում, մյուսի ձեռքին սկավառակներով լեցուն պարկը։
 +
 +
― Դու գնա իրենց հետ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին։ ― Կպառկես գնդացրի կողքին ու ոտները կպահես, որպեսզի չշարժվի։
 +
 +
Անտառի արահետով երեքը միասին վազեցին դեպի վերև։
 +
 +
Արևը լեռների այն կողմն էր տակավին։ Ռոբերտ Ջորդանն ուղղվեց, սկսեց կոճկել շալվարը, հետո ձգեց գոտին։ Ատրճանակը, որը դեռևս կապված մնացել էր բազուկին, դրեց գոտուն ամրացված պատյանի մեջ, իսկ կապը գցեց վզին։
 +
 +
Մի օր հենց այս կապով էլ կխեղդեն քեզ, մտածեց նա։ Իսկ սա իրենն արեց։ Նա պատյանից հանեց ատրճանակը, պահունակը դուրս քաշեց, պատյանի վրայի փամփշտակալից մի փամփուշտ վերցրեց, դրեց արձակվածի տեղն ու պահունակը նորից ետ իր տեղը հրեց։
 +
 +
Ծառերի արանքով նա հիմա նայում էր Պրիմիտիվոյին, որը մի ձեռքով ձիու սանձն էր պահել, մյուսով փորձում էր սպանված հեծյալի ոտքը դուրս քաշել ասպանդակից։ Սպանվածը երեսնիվայր կախված էր ձյան վրա, և իրեն թվաց, որ Պրիմիտիվոն նրա գրպաններն է ստուգում։
 +
 +
― Վերջացրո՛ւ, ― գոռաց նա։ Ձին բեր։
 +
 +
Չոքեց, որպեսզի պարանե ներբանով կոշիկներն հագնի, և ծունկը դիպավ Մարիային, որը ննջապարկում շորերն էր հագնում։ Աղջկա գոյությունը լրիվ մոռացել էր։
 +
 +
Այդ ձիավորի մտքով բոլորովին չէր անցնում, որ այսպիսի բան կարող է պատահել, մտածեց նա։ Նա ոտնահետքեր չէր որոնում, տագնապելու ոչ մի պատճառ երևի չուներ, որ այդպես, առանց որևէ բանից զգուշանալու հանգիստ առաջ էր գնում։ Նա չէր նկատել նույնիսկ բարձունքի պահակակետը տանող ոտնահետքերը։ Հավանաբար այս սարերում պարեկող հեծելազորայիններից մեկն էր։ Հիմա որ տեսնեն ուշացավ, հետքը կբռնեն ու կգան։ Եթե ձյունը մինչև այդ չհալչի ու հետքերը չկորչեն, մտածեց նա, կամ եթե իրենց՝ պարեկներին մի բան չպատահի։
 +
 +
― Դու լավ կանես, ― ասաց Պաբլոյին, ― գնաս ներքև։
 +
 +
Բոլորը դուրս էին եկել և հրացանները ձեռքներին, նռնակները գոտիներից կախած կանգնել էին քարայրի դիմաց։ Պիլարը Ռոբերտ Ջորդանին երկարեց նռնակներով լցված կաշվե պայուսակը, նա վերցրեց երեք նռնակ ու տեղավորեց գրպաններում։ Հետո մտավ քարայր, գտավ ուսապարկերը, բացեց այն մեկը, որի մեջ ավտոմատն էր, հանեց միմյանցից անջատված կոթն ու փողը, միացրեց, մի պահեստատուփը հագցրեց տեղը, երեք հատ էլ դրեց գրպանը։ Ուսապարկը կողպեց ու գնաց դեպի դուռը։ Այս էլ քեզ երկու գրպան երկաթեղեն, մտածեց նա։ Հուսանք, որ կարերը կդիմանան։ Քարայրից դուրս եկավ ու Պաբլոյին ասաց․
 +
 +
― Ես գնում եմ վերև։ Ագուստինը գիտի՞ գնդացրից կրակել։
 +
 +
― Այո, ― ասաց Պաբլոն։ Նա նայում էր Պրիմիտիվոյին, որը ձին ետևը գցած գալիս էր դեպի իրենց կողմը։ ― Mira que caballo, ― ասաց նա։ ― Տե՛ս, ի՜նչ ձի է։
 +
 +
Մոխրագույն հսկան քրտնած էր ու սրթսրթում էր։ Ռոբերտ Ջորդանը թփթփացրեց ձիու վզակոթը։
 +
 +
― Տանեմ մյուսների մոտ, ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ոտնահետքերը այստեղ են բերում։ Հիմա պետք է այնպես անենք, որ այստեղից տանեն։
 +
 +
― Ճիշտ ես, ― համաձայնեց Պաբլոն։ ― Կքշեմ կհեռանամ, հետո, երբ ձյունը հալչի, կբերեմ մյուսների մոտ։ Այսօր, Ingles, դու շատ խելացի ես։
 +
 +
― Մեկի ուղարկիր ներքև, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ մենք պետք է վերև գնանք։
 +
 +
― Կարիք չկա, ― ասաց Պաբլոն։ ― Այդ կողմերով ձիավորներն անցնել չեն կարող։ Բայց մենք կարող ենք, մենք կարող ենք և՛ այդտեղով, և՛ էլի երկու ուրիշ ճանապարհներով։ Եկեք, ավելի լավ է, այնպես անենք, որ ավելորդ հետքեր չթողնենք, եթե պատահի, որ ինքնաթիռներ գան։ Պիլար, գինու bota֊ն տուր։
 +
 +
― Որպեսզի հարբես ու անջատվես, ― ասաց Պիլարը։ ― Դրա փոխարեն սրանք վերցրու։ ― Պաբլոն ձեռքը գցեց, երկու նռնակ առավ ու տեղավորեց գրպաններում։
 +
 +
― Que va, հարբես, ― ասաց Պաբլոն։ ― Ծանր է, ծանր է վիճակը։ Տուր, տուր bota֊ան։ Սա ջրի բան չէ։ Թևերը բարձրացրեց, սանձն առավ ձեռքն ու թռավ֊նստեց թամբին։ Խնդմնդաց, շոյեց անհանգիստ ձիուն։ Ռոբերտ Ջորդանը տեսավ, թե ինչպիսի քնքշանքով նա սրունքները սեղմեց ձիու լանջերին։
 +
 +
― Que caballo mas bonito,<ref>Ինչ գեղեցիկ ձի (իսպ․)։</ref> ― ասաց նա ու նորից շոյեց մոխրագույն հսկային։ ― Que caballo mas hermoso:<ref>Ինչ հոյակապ ձի (իսպ․)։</ref> Գնանք։ Ինչքան շուտ հեռանանք, այնքան լավ։
 +
 +
Կռացավ, պատյանից հանեց թեթև ավտոմատը, որն իրականում գնդացիր էր՝ հարմարեցված ատրճանակի իննմիլիմետրանոց փամփուշտներին։
 +
 +
― Տես ոնց են զինված, ― ասաց նայելուց հետո։ ― Տես ինչ ժամանակակից հեծելազոր ունեն։
 +
 +
― Դա է այդ ժամանակակից հեծելազորը, տես ոնց է երեսնիվայր պառկել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Vamonos: Անդրես, դու ձիերը թամբիր ու պատրաստ սպասիր։ Եթե կրակոց լսես, ձիերը կառնես ու կգաս դեպի անտառի կածանը։ Զենք վերցրու, ձիերին թող կանայք հետևեն։ Ֆերնանդո, տես պարկերս չմնան։ Գլխավորը դրանք են։ Դու էլ հետևիր պարկերին, ― ասաց Պիլարին։ ― Ստուգիր, տես, որ չմնան, դրանք պետք է բերվեն։ Vamonos, ― ասաց։ ― Գնացինք։
 +
 +
― Մենք Մարիայի հետ ինչ֊որ անհրաժեշտ է այստեղից տանել կպատրաստենք, ― ասաց Պիլարը։ Հետո գլխով ցույց տվեց Պաբլոյին, որ նախրորդի նման ծանր֊ծանր հեծել էր մոխրագույն, վախից պնչերը լայնացած ձին և ավտոմատի պահեստատուփն էր տեղավորում։ ― Նայի՛ր, տեսնո՞ւմ ես ոնց է շուռ տվել դրան այդ ձին։
 +
 +
― Երկու հատ այդպիսի ձի պիտի ունենայի, ― ոգևորված ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Փորձանք է քո այդ ձին։
 +
 +
― Որ այդպես է ջորիով կգոհանամ, ― քմծիծաղեց Ռոբերտ Ջորդանը։ ― Դրա գրպանները մաքրեք, ― ասաց Պիլարին, գլխով ցույց տալով ձյան վրա երեսնիվայր ընկած մարդուն, ― և ինչ գտնվի՝ նամակ լինի, թուղթ, դրեք ուսապարկիս դրսի գրպանը։ Ինչ գտնվի, հասկացա՞ր։
 +
 +
― Այո։
 +
 +
― Vamonos:
 +
 +
Պաբլոն գնում էր առջևից, երկու տղամարդիկ հետևում էին նրան և խուսափելով ավելորդ հետքեր թողնելու վտանգից, գնում էին իրար ետևից։ Ռոբերտ Ջորդանը ավտոմատը գցել էր ուսը, փողն արել էր դեպի գետին ու ձեռքով պահել էր առջևի կանթից։ Եթե սպանվածի ավտոմատի փամփուշտները համընկնեին սրան, մտածեց նա։ Բայց չեն համընկնի։ Նրանը գերմանական է։ Սա Կաշկինինն էր, ծերուկինը։
 +
 +
Արևը բարձրացել էր սարերի թիկունքից։ Տաք քամի էր փչում, և ձյունը հալչում էր։ Ուշ գարնան հաճելի առավոտ էր։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց ետ ու տեսավ Մարիային, որ հիմա կանգնած էր Պիլարի կողքին։ Աղջիկը վազեց դեպի արահետը։ Ռոբերտ Ջորդանը ոտը կախ գցեց, որպեսզի Պրիմիտիվոն առաջ ընկնի։
 +
 +
― Ասա՛, ես կարո՞ղ եմ քեզ հետ գալ, ― ասաց աղջիկը։
 +
 +
― Ո՛չ։ Պիլարին օգնիր։
 +
 +
Աղջիկը ձեռքը դրել էր նրա թևին ու գնում էր ետևից։
 +
 +
― Ո՛չ։
 +
 +
― Աղջիկը շարունակեց կիպ քայլել ետևից։
 +
 +
― Ես կարող եմ գնդացրի ոտները պահել, այն, ինչ ասում էիր Անսելմոյին։
 +
 +
― Դու ոչ մի ոտ էլ չես պահի։
 +
 +
Աղջիկը հավասարվեց նրան ու ձեռքը տարավ գրպանը։
 +
 +
― Ոչ, ― ասաց նա։ ― Ավելի լավ է դու հոգ տանես քո հարնսության շապիկին։
 +
 +
― Դե քանի որ գնում ես, համբուրի՛ր ինձ, ― ասաց աղջիկը։
 +
 +
― Դու ամոթ չունես, ― ասաց նա։
 +
 +
― Չունեմ, ― ասաց աղջիկը։ ― Բոլորովին։
 +
 +
― Ետ դարձիր։ Մենք շատ գործ ունենք։ Կարող է դեռ մարտ էլ մղենք, եթե ձիու հետքերով գան։
 +
 +
― Լսի՛ր, ― ասաց աղջիկը։ ― Դու տեսա՞ր նրա կրծքի նշանը։
 +
 +
― Տեսա։ Իհարկե տեսա։
 +
 +
― Քրիստոսի սիրտն էր։
 +
 +
― Այո։ Բոլոր նավառացիների կրծքին էլ այդ նշանն է։
 +
 +
― Եվ դու կրակեցիր դրան։
 +
 +
― Ոչ։ Մի քիչ ցած։ Դե բավական է, ետ դարձիր։
 +
 +
― Լսի՛ր, ― ասաց աղջիկը։ ― Ես ամեն ինչ տեսա։
 +
 +
― Դու ոչ մի բան չտեսար, ի՞նչ տեսար։ Ինչ֊որ մա՞րդ։ Ինչ֊որ հեծյա՞լ։ Vete: Ետ դարձիր։
 +
 +
― Ասա, որ սիրում ես ինձ։
 +
 +
― Ո՛չ։ Հիմա՝ ո՛չ։
 +
 +
― Հիմա չե՞ս սիրում։
 +
 +
― Dejamos:<ref>Թողնենք դա (իսպ․)։</ref> Ետ դարձիր։ Հասկացի՛ր, հնարավոր չէ միևնույն պահին սիրել և գործ անել։
 +
 +
― Ես հիմա կգամ քեզ հետ ու երբ դու սկսես կրակել, գնդացրի ոտները կպահեմ, հետն էլ քեզ կսիրեմ։
 +
 +
― Դու խելագար ես։ Հենց հիմա ետ դարձիր։
 +
 +
― Ես խելագար չեմ, ― ասաց աղջիկը։ ― Ես սիրում եմ քեզ։
 +
 +
― Ուրեմն ետ դարձիր։
 +
 +
― Լավ։ Կգնամ։ Իսկ եթե դու ինձ չես սիրում, իմացիր, ես քեզ այնքան եմ սիրում, որ երկուսիս էլ բավական է։
 +
 +
Նա նայեց աղջկան ու ժպտաց՝ շարունակելով մնալ իր մտքերի հետ։
 +
 +
― Եթե կրակոց լսեք, ― ասաց նա, ― ձիերն առեք եկեք։ Պիլարին օգնիր, որպեսզի ուսապարկերս տեղ հասցնի։ Հնարավոր է, որ ոչինչ էլ չլինի։ Հույս ունեմ, որ չի լինի։
 +
 +
― Գնացի, ― ասաց աղջիկը։ ― Տես ինչ ձի է հեծել Պաբլոն։
 +
 +
Մոխրագույն հսկան գնում էր դեպի վեր։
 +
 +
― Գնա։ Այո։ Դե գնա։
 +
 +
― Գնացի։
 +
 +
Աղջկա կծկված բռունցքը Ռոբերտ Ջորդանի գրպանում ուժեղ սեղմվեց ազդրին։ Նա նայեց աղջկան՝ նրա աչքերի մեջ արցունքներ կային։ Նա բռունցքը հանեց գրպանից, երկու թևերով փարվեց Ռոբերտ Ջորդանի վզին ու համբուրեց։
 +
 +
― Գնացի, ― ասաց աղջիկը։ ― Me voy: Գնացի։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց ետ և տեսավ, որ աղջիկը կանգնել մնացել էր այնտեղ, առավոտյան արևի առաջին շողերն ընկել էին նրա թուխ դեմքի, ոսկեշեկ մազերի վրա։ Աղջիկը բռունցքը բարձրացրեց, ողջունեց իրեն, հետո շրջվեց ու գլուխը կախ արահետով իջավ։
 +
 +
Պրիմիտիվոն դարձավ, նայեց աղջկա ետևից։
 +
 +
― Սիրուն աղջիկ կլիներ, եթե մազերն այդպես կարճ չխուզեին, ― ասաց նա։
 +
 +
― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա ուրիշ բանի մասին էր մտածում։
 +
 +
― Անկողնում ո՞նց է, ― հարցրեց Պրիմիտիվոն։
 +
 +
― Ի՞նչ։
 +
 +
― Անկողնում։
 +
 +
― Բերանդ քեզ արա։
 +
 +
― Ի՞նչ ես նեղանում, երբ․․․
 +
 +
― Վերջացրո՛ւ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա զննում էր տեղանքի դիրքը։
 +
 +
 +
==Գլուխ քսաներկուերորդ==
 +
 +
― Սոճու ճյուղեր կտրտիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Պրիմիտիվոյին, ― և արագ բեր այստեղ։ Գնդացրի տեղը, ― ասաց Ագուստինին, ― ինձ դուր չի գալիս։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Դիր այնտեղ, ― Ռոբերտ Ջորդանը մատով ցույց տվեց տեղը։ ― Հետո կասեմ, թե ինչու։ Այդպես։ Սպասիր օգնեմ։ Այսպես, ― ասաց ու պպզեց։
 +
 +
Երկարավուն, նեղ ճեղքի միջով նա նայեց երկու կողմի ժայռերի բարձրությանն ու ինչ֊որ հաշվարկ արեց։
 +
 +
― Ավելի հեռու պետք է դնել, ― ասաց նա։ ― Մի քիչ էլ։ Լավ է։ Թող առայժմ այսպես մնա, հետո ոնց որ պետք է, այնպես էլ կանենք։ Այսպես։ Քարեր բեր։ Մեկը դիր այստեղ։ Մեկն էլ կողքը։ Տեղ թող, որպեսզի փողը ազատ շարժվի։ Քարը մի քիչ մոտ քաշիր։ Անսելմո, գնա քարայրից կացինը բեր։ Արագ։ Բա դուք գնդացրի համար խրամատ չե՞ք ունեցել, ― ասաց Ագուստինին։
 +
 +
― Միշտ այստեղ ենք դրել։
 +
 +
― Կաշկինը ձեզ չի՞ ասել, որ սա հարմար տեղ չէ։
 +
 +
― Ոչ։ Գնդացիրը բերել են նրա գնալուց հետո։
 +
 +
― Բերողը չէ՞ր իմանում դրա գործածությունը։
 +
 +
― Ոչ։ Բեռնակիրները բերին։
 +
 +
― Այ թե գործ են անում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բերեցին, տվեցին ու վերջ, հա՞, առանց որևէ հրահանգի։
 +
 +
― Հա, բերեցին ու տվեցին, ոնց որ նվեր են տալիս։ Մեկը մեզ, մեկն էլ Էլ Սորդոյին։ Չորս հոգի էին։ Անսելմոն էլ առաջնորդն էր։
 +
 +
― Զարմանալի է, ոնց էլ չորս հոգով անվնաս անցել են ռազմաճակատի գիծը։
 +
 +
― Իմ մտքով էլ անցավ այդ բանը, ― ասաց Ագուստինը։ ― Ասացի սրանց ուղարկողը մտածել է, որ կգնան֊կկորչեն, բայց Անսելմոն բերել ու բարեհաջող տեղ է հասցրել։
 +
 +
― Դու օգտագործման ձևը գիտե՞ս։
 +
 +
― Այո։ Մի քանի անգամ փորձել եմ։ Գիտեմ։ Պաբլոն էլ գիտի։ Պրիմիտիվոն էլ։ Գիտի նաև Ֆերնանդոն։ Քարայրում քանդել ու հավաքել ենք սեղանի վրա։ Մի անգամ երկու օր չէինք կարողանում հավաքել։ Վերջերս ձեռք չենք տվել։
 +
 +
― Հիմա կրակո՞ւմ է։
 +
 +
― Այո։ Բայց չենք թողնում, որ գնչուն ու մյուսները հետը խաղ անեն։
 +
 +
― Հիմա նայիր։ Տես, թե ինչու ձեր դրած տեղը հարմար չէ։ Տեսնո՞ւմ ես այս երկու կողմի ժայռերը, սրանք այնքան մեզ չեն պաշտպանում, ինչքան թևերից մեզ վրա հարձակվողներին։ Այս տիպի գնդացրի համար պետք է այնպիսի դիրք ընտրել, որ կրակի տակ առնվող տարածությունը հարթ լինի։ Որպեսզի կարողանաս թևերին էլ կրակել։ Տեսնո՞ւմ ես։ Նայիր։ Հիմա մենք այդ ամբողջ տարածության վրա իշխում ենք։
 +
 +
― Տեսնում եմ, ― ասաց Ագուստինը։ ― Բանն այն է, որ մենք երբեք չենք պաշտպանվել, միշտ հարձակվել ենք, բացի այն կռվից, երբ մեր քաղաքը գրավեցին։ Գնացքի ժամանակ զինվորներն էին maquina֊յից կրակում։
 +
 +
― Ուրեմն հիմա բոլորս միասին կսովորենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ընդամենը մի քանի բան է, որ պիտի հետևենք, որպեսզի ճիշտ կատարվի։ Իսկ գնչուն ո՞ւ ր է, նա այստեղ պետք է լիներ։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
― Իսկ որտե՞ղ կարող է լինել։
 +
 +
― Չգիտեմ։
 +
 +
Պաբլոն գնացել֊հասել էր կիրճը, հետո եկել ու շրջան էր անում հարթ բացատում, որի վրա ուղղված էր գնդացիրը։ Ռոբերտ Ջորդանը հայացքով հետևում էր նրան, նա նորից քշեց ցած՝ դեպի կիրճը, վերև բերող ոտնահետքերի կողքին ներքև տանող հետքեր թողնելով։ Հասավ ծառերին, թեքվեց ձախ ու անհետացավ։
 +
 +
Հուսանք, որ հեծելազորի դիմաց դուրս չի գա, մտածեց Ռոբերտ Ջորդանը, թե չէ, վախենում եմ, կքաշի֊կբերի այստեղ։
 +
 +
Պրիմիտիվոն սոճու ճյուղեր բերեց, Ռոբերտ Ջորդանը դրանցով կամար կապեց գնդացրի վրա։
 +
 +
― Էլի բեր, ― ասաց նա։ ― Հարկավոր է երկու գնդացիրների համար նույնպես ծածկ սարքել։ Սա այնքան էլ հաջող չեղավ, բայց ոչինչ, կացինը որ բերեն, կանենք ոնց որ պետք է։ Լսիր, ― ասաց, ― եթե ինքնաթիռների ձայն լսես, քեզ գցիր ժայռի ստվերին ու պառկիր փորիդ վրա։ Ես այստեղ կլինեմ, գնդացրի մոտ։
 +
 +
Հիմա որ արևը բարձրացել էր ու տաք քամի էր փչում, հաճելի էր ժայռի արևոտ կողմում։ Չորս ձի, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Երկու կին, ես, Անսելմոն, Պրիմիտիվոն, Ֆերնանդոն, Ագուստինը, ո՞նց էր, գրողը տանի, այն եղբոր անունը, դա էլ ութ։ Գչնչուին չեմ հաշվել։ Նա էլ ինը։ Պաբլոյին էլ որ գումարենք, կանի տասը, բայց նա արդեն իր ձին նստեց֊գնաց։ Անդրես։ Մի եղբոր անունը Անդրես է, մյուսինը՝ Էլադիո։ Արեց տասը։ Կես ձի էլ չի հասնում յուրաքանչյուրին։ Ասենք երեքը մնան այստեղ մարտը ընդունելու, չորսը հեռանան, Պաբլոյին էլ որ հաշվենք, հինգը։ Մնացին էլի երկուսը։ Էլադիոն էլ՝ երեք։ Բայց ո՞ւր է նա, գրողը տանի։
 +
 +
Աստված գիտի, թե ինչ կլինի Սորդոյին, եթե պարեկներն ընկնեն ձիերի հետքերի վրա։ Դաժան բան էր ձյան այդպես անժամանակ դադարելը։ Բայց արդեն արագ կհալչի, և ամեն ինչ կհարթվի։ Սակայն ոչ Սորդոյի համար։ Նրա համար վախենամ արդեն ուշ է։
 +
 +
Եթե հաջողվի այսօր մարտից խուսափել, մենք վաղվա մեր գործը կկարողանանք գլուխ բերել թեկուզ միայն այս ուժերով։ Գիտեմ, որ կկարողանանք։ Գուցե ոչ այնքան էլ լավ։ Ոչ այնպես, ինչպես պետք է, ոչ անթերի, բայց կկարողանանք, եթե բոլորս էլ ինչպես պետք է լծվենք գործին։ Եթե հաջողվի այսօր մարտից խուսափել։ Իսկ եթե չհաջողվի, թող աստված մեզ օգնի։
 +
 +
Այս պահին սրանից լավ նստել֊սպասելու տեղ դժվար թե լինի։ Հիմա այստեղից շարժվելն իմաստ չունի, որովհետև ոտնահետքեր կթողնենք։ Հարմար տեղ է, եթե գործերը վատ ընթացք ստանան, հնարավոր է երեք տարբեր ճամփաներով դուրս պրծնել։ Երբ մութն ընկնի, կարող ենք վերադառնալ և լուսաբացին պայթեցնել կամուրջը։ Չեմ հասկանում, թե ինչու էի ես այդքան մտածում, տանջվում։ Հիմա թվում է, թե շատ հեշտ է։ Միայն ինքնաթիռները ժամանակին գան, գոնե այս անգամ ժամանակին օդ բարձրանան։ Ուրիշ բան չեմ ուզում։ Վաղը երկինք ու գետին խառնվելու են իրար։
 +
 +
Այսօր կամ շատ հետաքրքիր օր կլինի, կամ շատ տաղտկալի։ Փառք տանք աստծուն, որ այդ ձին հեռացրինք։ Հիմա նույնիսկ եթե հետքերի վրա ընկած այստեղ գան, բացատում պիտի կանգնեն և շրջվեն ու գնան Պաբլոյի հետքերով։ Տեսնես ո՞ւր գնաց այդ քավթառ խոզը։ Հիմա որձ իշայծամի նման հետքերը խառնելով, խառնելով կգնա, մինչև ձյունը հալվի, հետո կպտտվի ու նորից կգա այստեղ։ Բայց այդ ձին նրան լրիվ խելքահան արեց։ Այնպես որ, կարող է նույնիսկ չվերադառնալ։ Ինչ անում է անի։ Ոնց եղել է մինչև հիմա, այնպես էլ լինելու է։ Եթե հիմա մեկն ասի, որ Էվերեստը ուսերին կառնի, դրան ավելի կհավատամ, քան Պաբլոյին։
 +
 +
Ինձ թվում է, որ գնդացիրը այս ժայռերի մեջ քողարկելը շատ ավելի խելացի է, քան խրամատ փորելը, որովհետև փորելը չվերջացրած կարող են պարեկները գալ, ինքնաթիռները կնկատեն վերևից։ Ճիշտը սա է, պետք է նստել ու սպասել, սպասել այնքան, ինչքան հնարավոր է։ Պետք է խուսափել մարտից։ Ես պետք է կամուրջը պայթեցնեմ։ Ես պիտի ուսապարկս վերցնեմ ու Անսելմոյի հետ գնամ կամուրջ։ Իսկ ո՞վ է ձեզ ծածկելու, եթե այստեղ կռիվ սկսվի։
 +
 +
Այդ պահին, երբ նայում էր չորսբոլորը, ձախից, ժայռերի մեջ երևաց գնչուն։ Խաղալով, օրորվելով սրունքների վրա, կարաբինն անփութորեն կախ գցած ուսից, թուխ դեմքը ժպիտով ողողված, ամեն ձեռքին մի մեծ սպանված նապաստակ ոտից պահած՝ բարձրանում էր գնչուն։
 +
 +
― Hola, Ռոբերտո, ― կանչեց նա ուրախ֊զվարթ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ձեռքը տարավ բերանը, գնչուն վախեցած նայեց շուրջը, հետո ժայռերի վրայից սահելով իջավ։ Ռոբերտ Ջորդանը պպզել էր գնդացրի կողքը, ծածկի տակ, գնչուն նապաստակները գցեց ձյան վրա ու ինքն էլ պպզեց։ Ռոբերտ Ջորդանը նայեց նրան։
 +
 +
― Տո hijo de la gran puta,<ref>Պոռնկորդի (իսպ․)։</ref> ― ասաց ցածրաձայն, ― այդ ո՞ւր էիր թրև գալիս, կեղտոտ։
 +
 +
― Սրանց ետևից էի ընկել, ― ասաց գնչուն, ― սիրվատում էին ձյուների մեջ։
 +
 +
― Իսկ քո պահակակե՞տը։
 +
 +
― Նոր էի գնացել, ― շշնջաց գնչուն։ ― Ի՞նչ է պատահել։ Վտա՞նգ կա։
 +
 +
― Հեծելազոր է շրջում։
 +
 +
― Redios,<ref>Տեր իմ աստված (իսպ․):</ref> ― ասաց գնչուն։ ― Դու տեսե՞լ ես իրենց։
 +
 +
― Հենց այս պահին էլ մեկը ճամբարում է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Եկել էր նախաճաշի։
 +
 +
― Ուրեմն դա էր, ես էլ մտածում էի, թե ինչ կրակոցի ձայն է, ― ասաց գնչուն։ ― Ես դրա կաթը։ Այստեղի՞ց է անցել։
 +
 +
― Այստեղից։ Քո պահակակետով։
 +
 +
― Ay, mi madre,<ref>Ախ, մայր իմ (իսպ․)։</ref> ― ասաց գնչուն։ ― Այս ինչ խեղճ ու դժբախտ մարդ եմ ես։
 +
 +
― Եթե գնչու չլինեիր, կգնդակահարեի քեզ։
 +
 +
― Ոչ, Ռոբերտո։ Այդպես մի ասա։ Ներիր ինձ։ Այդ նապաստակներն էին։ Լույսը դեռ չէր բացվել, որձն սկսեց ոստոստել ձյան վրա։ Ինչ իրարանցո՜ւմ էր, հնարավոր չէ պատկերացնել։ Գնացի աղմուկի ուղղությամբ, հեռացել էին արդեն։ Հետքերը բռնեցի ու շարժվեցի առաջ, տեսնեմ մի բարձրունքի վրա իրար կողքի կանգնել են ձյուների մեջ։ Խփեցի։ Տես ինչ չաղ են։ Այն էլ հիմա, այս ամսին։ Գիտե՞ս, թե ինչեր կարող է պատրաստել Պիլարը սրանցով։ Ռոբերտո, ցավում եմ, որ այդպես եղավ։ Սպանե՞լ եք ձիավորին։
 +
 +
― Այո։
 +
 +
― Դո՞ւ։
 +
 +
― Այո։
 +
 +
― Que tio,<ref>Ինչպիսի կտրիճ (իսպ․)։</ref> ― ասաց գնչուն՝ բացահայտորեն շողոքորթելով։ ― Դու իսկական հրաշք ես։
 +
 +
― Քո մերը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա չկարողացավ չժպտալ գնչուին։ ― Լավ, վերցրու նապաստակներիդ ու գնա մի բան բեր ճամբարից նախաճաշենք։
 +
 +
Ձեռքը երկարեց ու շոշափեց երկարավուն, ծանր, թավամորթ, երկարականջ, երկարոտիկ, սև, ձյան վրա բաց աչքեով անկենդան պառկած նապաստակները։
 +
 +
― Այո, չաղ են, ― ասաց։
 +
 +
― Չա՜ղ, ― ասաց գնչուն։ ― Դրանից մի֊մի տաշտ ճրագու դուրս կգա։ Այսպիսի նապաստակներ ես երազում էլ չէի տեսել։
 +
 +
― Դե լավ, գնա՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― նախաճաշը վերցրու և արագ ետ դարձիր, Պիլարին ասա, թող այդ requete<ref>Միապետական կուսակցության զինվորական կազմակերպության անդամ։</ref>֊ի փաստաթղթերը տա քեզ, որպեսզի բերես ինձ։
 +
 +
― Ռոբերտո, բարկացած չես ինչ վրա, չէ։
 +
 +
― Բարկացա՞ծ։ Կատաղած եմ։ Իսկ եթե մի հոգի չլիներ, այլ մի ջոկա՞տ։
 +
 +
― Redios, ― ասաց գնչուն։ ― Իրավունք ունես։ Ճիշտ ես։
 +
 +
― Լսիր։ Սրանից հետո այդպիսի բաներ չանես։ Երբեք։ Եթե ասում եմ կգնդակահարեմ, ես դա հենց այնպես, խոսքի համար չէ, որ ասում եմ։
 +
 +
― Անշուշտ։ Բայց այստեղ ուրիշ մի բան կա։ Երկու նապաստակ միանգամից, հազիվ թե այլևս ինձ հանդիպի։ Մարդու կյանքում մի անգամ է այսպիսի բան լինում։
 +
 +
― Anda,<ref>Գնա (իսպ․)։</ref> ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Եվ շտապ ետ դարձիր։
 +
 +
Գնչուն վերցրեց երկու նապաստակներն ու ժայռերի վրայով սահեց ցած։ Ռոբերտ Ջորդանը դիմացի նեղ բացվածքի միջով նորից սկսեց նայել բացատին, ավելի այն կողմ ընկած սարալանջերին։ Երկու ագռավ գլխավերևում պտույտ տվին, հետո թառեցին սոճու վրա։ Երրորդ մի ագռավ էլ միացավ նրանց։ Սրանք են իմ դետերը, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Քանի դեռ հանգիստ են, կնշանակի այդ կողմով եկող չկա։
 +
 +
Այս էլ գնչուն, մտածեց նա։ Իսկապես որ բանի պետք չէ։ Քաղաքականությունից բոբիկ, անկարգապահ, դրա վրա երբեք չես կարող հույս դնել։ Բայց վաղը նա ինձ պետք է։ Նրա համար էլ վաղը գործ կա։ Գնչուն պատերազմի մասնակից, լսելն իսկ տարօրինակ է։ Դրանց զինվորական ծառայությունից պետք է ազատել, ճիշտ այնպես, ինչպես քաղաքական ու կրոնաբարոյական նկատառումներով ծառայությունից հրաժարվողների են ազատում։ Կամ, ասենք, ֆիզիկական ու մտավոր պակասություններով մարդկանց։ Միևնույն է, դրանք ոչ մի բանի պիտանի չեն։ Բայց ո՞վ է այս պատերազմում քաղաքական ու կրոնաբարոյական նկատառումներ հաշվի առնում։ Ոչ մեկին էլ հիմա չեն ազատում։ Բոլորին հավասարապես պատերազմն առնում է իր հորձանուտի մեջ։ Ահա, եկավ այս անբանների խմբին էլ հասավ։ Սրանց էլ առավ իր հորձանուտի մեջ։
 +
 +
Ագուստինն ու Պրիմիտիվոն նոր ճյուղեր բերեցին, Ռոբերտ Ջորդանը գնդացիրն այնպես ծածկեց, որ օդից չերևա, իսկ անտառի կողմից եկողներին շատ բնական թվա։ Հետո նրանց ցույց տվեց ապառաժուտ այն բարձրունքը, որն ամենահարմար դիտակետը կարող էր լինել, այդտեղից և՛ դիմացի բացատն է երևում, և՛ աջ կողմը։ Ձախակողմյան միակ անցքին ինքը կհսկի։
 +
 +
― Եթե որևէ մեկին տեսնես, չկրակես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մի փոքրիկ քար վերցրու ու ցած գլորիր, հրացանով էլ նշան տուր, այսպես, ― հրացանն այնքան բարձրացրեց, կարծես ինչ֊որ բանից գլուխը պաշտպանելու համար։ ― Իսկ որ այսպես անես, կիմանանք, թե քանի հոգի են, ― հրացանը մի քանի անգամ բարձրացրեց ու իջեցրեց։ ― Եթե հետևակ լինի, հրացանի փողը դեպի ներքև պահիր։ Այսպես։ Չկրակես, մինչև maquina֊ն չսկսի։ Նշան կբռնես մարդկանց ծնկին, այդ բարձունքից այդպես պետք է կրակել։ Եթե երկու անգամ սուլեմ, կիջնես ու ժայռերի տակով կգաս այստեղ, maquina֊յի մոտ։
 +
 +
Պրիմիտիվոն հրացանը բարձրացրեց։
 +
 +
― Հասկացա, ― ասաց։ ― Շատ պարզ է։
 +
 +
― Ուրեմն նախ մի փոքրիկ քար ես գլորում, որպես նախազգուշացում, հետո ցույց ես տալիս ուղղությունն ու եկողների քանակը։ Բայց տես, որ չնկատվես։
 +
 +
― Այո, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Իսկ կարո՞ղ եմ նռնակ գցել։
 +
 +
― Ոչ, քանի maquina֊ն չի սկսել կրակել։ Որովհետև հեծելազորը կարող է ձիու հետքերով գալ և նորից շրջվել ու գնալ Պաբլոյի հետքերով։ Պիտի ջանանք մարտից խուսափել, եթե դա հնարավոր է։ Ամեն կերպ պիտի խուսափենք։ Դե հիմա գնա։
 +
 +
― Me voy, ― ասաց Պրիմիտիվոն և հրացանը կողքից քարշ տալով սկսեց մագլցել ապառաժուտ բարձունքն ի վեր։
 +
 +
― Ագուստին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― դու հիմա ինձ ասա, թե ինչ գիտես այս գնդացրից։
 +
 +
Բարձրահասակ, սև, մազակալված դեմքով, փոս ընկած աչքերով, բարակ շրթներով, աշխատավորի կոշտացած ու խոշոր ձեռքերով Ագուստինը պպզեց։
 +
 +
― Pues,<ref>Դե (իսպ․)։</ref> կարող եմ լիցքավորել։ Նշան բռնել։ Կրակել։ Ուրիշ ոչինչ։
 +
 +
― Ուրեմն այսպես, չես կրակի մինչև քո և նրանց միջև եղած տարածությունը հիսուն մետիրց պակաս չլինի, հետո, կկրակես միայն այն ժամանակ, երբ կհամոզվես, որ գնում են դեպի քարայրը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Եղավ։ Իսկ այդ հիսուն մետրը ինչքան է։
 +
 +
― Մինչև դիմացի ժայռը։ Եթե սպա լինի, նախ նրան կխփես, հետո գնդացիրը կշրջես մյուսների վրա։ Կշրջես շատ դանդաղ, քիչ֊քիչ։ Ես Ֆերնանդոյին էլ կսովորեցնեմ կրակել։ Ամուր կպահես, որպեսզի չթռչկոտի, լավ նշան կբռնես, և իմացիր՝ ամեն անգամ վեց փամփուշտից ավելի չկրակես, եթե հնարավոր է, որովհետև փողը սկսում է վեր֊վեր թռչել։ Ամեն անգամ որ սկսում ես կրակել, կրակիր մեկի վրա, հետո հերթով անցիր մյուսներին։ Եթե հեծյալի վրա ես կրակելու, նշան բռնիր փորին։
 +
 +
― Եղավ։
 +
 +
― Այստեղ մի հոգի ևս պետք է, որպեսզի գնդացրի ոտքերը պահի, թե չէ կթռչկոտի։ Միևնույն ժամանակ էլ գնդացիրը կլիցքավորի։
 +
 +
― Իսկ դու որտե՞ղ ես լինելու։
 +
 +
― Այ, այնտեղ, դեպի ձախ, վերևում, որպեսզի ամեն կողմ տեսնեմ, բացի այդ, այս փոքր maquina֊յով էլ քո ձախ թևը կապահովեմ։ Եթե գան, կարելի է այստեղ լավ կոտորած սարքել։ Բայց մինչև լավ չմոտենան, չկրակես։
 +
 +
― Կարծում եմ, որ կարող ենք մի կոտորած սարքել։ Menuda matanza:<ref>Փոքրիկ սպանդ (իսպ․):</ref>
 +
 +
― Բայց և այնպես ավելի լավ կլինի, եթե չգան։
 +
 +
― Եթե քո այդ կամուրջը չլիներ, կարելի էր կոտորել ու հեռանալ այս վայրերից։
 +
 +
― Դա ոչ մի արժեք չէր ունենա։ Ոչ մի նպատակի չէր ծառայի։ Պատերազմը շահելու համար կամրջի պայթեցումը նշանակություն ունի։ Ծրագրված ռազմական գործողությունների մեջ դա իր դերը ունի։ Իսկ սա ոչ մի արժեք չունի։ Սա մի աննշան պատահար է։ Դատարկ բան։
 +
 +
― Que va, դատարկ բան։ Ամեն սպանվածի հետ մի ֆաշիստ պակասում է։
 +
 +
― Այո։ Բայց եթե կամուրջը պայթեցվի, մենք կկարողանանք Սեգովիան գրավել։ Նահանգի գլխավոր քաղաքը։ Դու դրա մասին մտածիր։ Դա կլինի մեր առաջին գրաված քաղաքը։
 +
 +
― Դու իսկապե՞ս հավատում ես, որ մենք կարող ենք Սեգովիան գրավել։
 +
 +
― Այո։ Հնարավոր է, եթե կամուրջն այնպես պայթեցվի, ինչպես պետք է։
 +
 +
― Լավ կլիներ, որ և՛ այստեղ կոտորեինք, և՛ այդ կամուրջը պայթեցնեինք։
 +
 +
― Ախորժակդ վատ չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Խոսակցության ամբողջ ընթացքում նա նայում էր ագռավներին։ Մեկը գլուխը շրջեց ինչ֊որ բանի, հետո կռավեց ու թռավ։ Մյուսը մնացել էր ծառին։ Ռոբերտ Ջորդանը նայեց Պրիմիտիվոյի կողմը՝ ապառաժուտ բարձունքին։ Պրիմիտիվոն ուշադիր դիտում էր, սակայն ոչ մի ազդանշան չէր տալիս։ Ռոբերտ Ջորդանը կռացավ, քաշեց ավտոմատի փակաղակը, ստուգեց փամփշտանոցն ու նորից գցեց իր տեղը։ Երկրորդ ագռավը շարունակում էր անշարժ մնալ ծառի վրա։ Առաջինը մի լայն շրջան գործեց և նորից եկավ թառեց ծառին։ Արևի ու գաղջ քամու շնչից հալչող ձյունը սոճիների կռացած ճյուղերից թափվում էր գետնին։
 +
 +
― Վաղը դու կոտորածի հնարավորություն կունենաս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Լուսաբացին սղոցարանի պահակակետը պիտի ոչնչացվի։
 +
 +
― Ես պատրաստ եմ, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Եվ ճանապարհաշինության վարպետի հյուղակը, կամրջից ներքև։
 +
 +
― Որը ասես, այն էլ կանեմ, ― ասաց Ագուստինը։ ― Կարող եմ երկուսն էլ։
 +
 +
― Երկուսը չի լինի։ Պետք է նույն պահին ոչնչացվեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Ուրեմն որը որ ասես, ― ասաց Ագուստինը։ ― Ինչքան ժամանակ է, ուզում էի մի գործ անել, մասնակցել պատերազմին։ Պաբլոն մեզ բոլորիս անգործ փտեցրեց։
 +
 +
Անսելմոն կացինն առած եկավ։
 +
 +
― Էլի՞ ես ճյուղեր ուզում, ― հարցրեց նա։ ― Ինձ թվում է, որ լավ է քողարկված։
 +
 +
― Ճյուղեր պետք չեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դու հիմա երկու փոքր ծառ բեր, տնկենք այստեղ, որպեսզի այս ճյուղերն էլ ավելի բնական երևան։
 +
 +
― Հիմա բերեմ։
 +
 +
― Խորքից կտրիր, այնպես, որ կոճղերը չերևան։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը լսեց թիկունքից եկող կացնի հարվածների ձայնը։ Նայեց վերև՝ Պրիմիտիվոյին, նայեց ներքև՝ սոճուտի բացատին։ Ագռավներից մեկը դեռևս այնտեղ էր։ Հետո ականջին համաչափ, բարձրից եկող մի դզզոց հասավ։ Հայացքը բարձրացրեց՝ ինքնաթիռ էր, շատ բարձր, փոքրիկ֊փոքրիկ, գրեթե անշարժ կախված երկնքում արծաթին էր տալիս արևի շողերի տակ։
 +
 +
― Մեզ չեն տեսնի, ― ասաց նա Ագուստինին։ ― Բայց լավ է թաքնված մնանք։ Հետախույզ ինքնաթիռ է, արդեն երկրորդն է այսօր։
 +
 +
― Բա երեկվաննե՞րը, ― հարցրեց Ագուստինը։
 +
 +
― Հիմա որ հիշում եմ, թվում է վատ երազ էր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Դրանք Սեգովիայում պետք է որ լինեն։ Վատ երազը սպասում է այնտեղ, որպեսզի իրականություն դառնա։
 +
 +
Ինքնաթիռն անցել էր լեռների մյուս երեսը և արդեն չէր երևում, բայց շարժիչների ձայնը դեռևս շարունակում էր մնալ օդում։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը հայացքն իջեցրեց և նույն պահին էլ նկատեց, որ ագռավը թռավ։ Առանց որևէ կռավոցի ծառերի վրայով թռավ ու գնաց։
 +
 +
 +
==Գլուխ քսաներեքերորդ==
 +
 +
― Պառկիր, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը Ագուստինին, հետո գլուխը շրջեց և ձեռքի շարժումով պառկելու նշան արեց Անսելմոյին, որը եղևնին տոնածառի պես ուսն առած ժայռերի վրայով գալիս էր։ Ծերունին ծառը գցեց ժայռերի ետևն ու ինքն էլ ծածկվեց այնտեղ։ Ռոբերտ Ջորդանը բացատի վրայով նայում էր անտառին։ Ոչինչ չէր երևում, ոչ մի ձայն չկար, նա լսում էր միայն իր սրտի բաբախյունը, հետո ականջին քարի խփոցի ձայն հասավ, դրան հետևեց գլորվող քարակտորի շխկոցը։ Գլուխը շրջեց աջ և տեսավ, որ Պրիմիտիվոյի հրացանը հորիզոնական վիճակում չորս անգամ բարձրացավ ու իջավ։ Հետո հայացքը շրջեց ու դարձյալ նայեց անտառի բացատին, որի ձյունածածկ հարթության վրա երևում էին սմբակների շրջան գծած հետքերը։
 +
 +
― Հեծելազոր է, ― ցածրաձայն ասաց Ագուստինին։
 +
 +
Ագուստինը նայեց նրան, և նրա թուխ, փոս ընկած այտերը հեռացան իրարից ու դեմքի վրա ժպիտ գծագրվեց։ Ռոբերտ Ջորդանը նկատեց, որ նա սկսեց քրտնել։ Ձգվեց, ձեռքը դրեց Ագուստինի ուսին։ Այդ պահին անտառից չորս ձիավոր դուրս եկան, զգաց, որ Ագուստինի մկանները պրկվում են իր ձեռքի տակ։
 +
 +
Ձիավորներից մեկը գալիս էր առջևից, երեքը հետևում էին նրան։ Առաջինը գնում էր ձիու հետքերով։ Գնում էր հայացքը գետնին հառած։ Մյուսները կիսաշրջան կազմած հետևում էին նրան։ Առաջանում էին մեծագույն զգուշությամբ։ Ռոբերտ Ջորդանը պառկել էր փորի վրա, թևերը լայն բաց էր արել ու, գնդացիրն ուղղած նրանց, ուշադիր հետևում էր։ Զգում էր, թե ինչպես է սիրտը խփում ձյունոտ գետնին։
 +
 +
Առջևից ընթացող ձիավորը ձիու հետքերով եկավ հասավ այնտեղ, որտեղից Պաբլոն շուռ էր եկել ու գնացել ներքև։ Նա կանգ առավ։ Մյուսները հասան նրան և նույնպես կանգ առան։
 +
 +
Գնդացրի կապտավուն, պողպատյա փողի վրայով Ռոբերտ Ջորդանը պարզ տեսնում էր նրանց։ Նա տեսնում էր այդ մարդկանց դեմքերը, գոտիներից կախ արած սրերը, ձիերի քրտինքից մգացած կողերը, կոնաձև գլխանոցով խակի գույնի թիկնոցները և նույնպես խակի գույնի նավառական ձևով թեք դրած բերետները։ Առջևից գնացողը ձիու գլուխը շրջեց դեպի ժայռի բացվածքը, կանգնեց գնդացրին դեմ֊հանդիման, և Ռոբերտ Ջորդանը տեսավ նրա երիտասարդ, արևառ ու հողմահար թուխ դեմքը, մոտ֊մոտ նստած աչքերը, սապատավոր քիթն ու երկարավուն, սրածայր կզակը։
 +
 +
Կանգնել էր ձին այդտեղ՝ գլուխը բարձր, կուրծքն ուղիղ Ռոբերտ Ջորդանի գնդացրի փողին, թամբի աջ կողմում ամրացված պատյանի միջից դուրս էր ցցվել ավտոմատը։ Առջևից ընթացող ձիավորը ընկերներին մատով ցույց տվեց ժայռի բացվածքը, որտեղ գնդացիրն էր։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը արմունկներն ամուր հենեց գետնին և գնդացրի փողի վրայով նայեց այդտեղ, ձյան վրա կանգ առած չորս հեծյալներին։ Ետևից եկողները ավտոմատներն հանել էին պատյաններից, երկուսը դրել էին թամբի լայնքով, երրորդը գցել էր աջ կողմն ու կոթը ազդրին սեղմած պահել էր ձեռքով։
 +
 +
Հազիվ թե երբևիցե բախտ վիճակվի այսքան մոտիկ տարածությունից ու այդքան պարզ սրանցից մեկնումեկին տեսնելու և վրան նշան բռնելու, մտածեց նա։ Սովորաբար, երբ նայում էր նշանացույցից, մարդիկ նման են լինում մանրանկարների, և սատանան գիտի, թե ինչպիսի ջանքեր ես գործադրում ճիշտ նշան բռնելու համար։ Գալիս են մեծ մասամբ վազելով, ընկնում են, նորից վեր կենում ու վազում, և կրակում ես, ասենք զառիթափի ուղղությամբ, փողոցի երկայնքով, պատուհաններին։ Կամ էլ տեսնում ես, թե ինչպես են հեռվում ճանապարհով շարժվում։ Այսպես լինում է միայն գնացքների պայթեցման ժամանակ, երբ պարզ երևում են նշանացույցում, ինչպես որ հիմա այս չորսը, ու կարող ես ուղղակի հնձել։ Այս տարածության վրա նշանացույցում սովորականից երկու անգամ մեծ են երևում։
 +
 +
Դու՛, ասաց մտքում, գնդացրի փողն ուղղած առջևից եկող ձիավորի կրծքին՝ խակի գույնի թիկնոցի վրա առավոտյան արևի ճառագայթներից շողշողացող ծանուցանիշից փոքր֊ինչ աջ։ Դո՛ւ, ասաց մտքում, մտածելով արդեն իսպաներեն ու մատներով պինդ սեղմած ապահովիչը, որպեսզի ժամանակից շուտ չարձակի գնդացրի կրակի արագահաս, մահաբեր տարափը։ Դո՛ւ, կրկնեց մտքում, դու այդ երիտասարդ տարիքում մեռած ես արդեն։ Նաև դո՛ւ, ասաց մտքում, նաև դո՛ւ, նաև դո՛ւ։ Բայց թող այդ բանը տեղի չունենա։ Թող այդ բանը տեղի չունենա։
 +
 +
Նա զգաց, որ Ագուստինը ուզում էր հազալ, բայց կարողացավ պահել իրեն ու խորխը կուլ տալ։ Հետո նորից ճյուղերի արանքից նայեց գնդացրի կապտավուն, յուղած փողի վրայով՝ մատներն ապահովիչի վրա տակավին պինդ պահած, և տեսավ, որ առջևից ընթացող հեծյալը ձիու գլուխը շրջեց ու Պաբլոյի հետքերով գնաց դեպի անտառ։ Մյուսներն էլ վարգով հետևեցին նրան, և Ագուստինը ցածրաձայն ասաց․
 +
 +
― Cabrones!
 +
 +
Ռոբերտ Ջորդանը շրջվեց, նայեց ժայռերի կողմը, ուր սուզվել էր Անսելմոն ծառի հետ մեկտեղ։
 +
 +
Գնչու Ռաֆայելը խուրջինը շալակած, հրացանն ուսին գցած ժայռերի վրայով գալիս էր իրենց կողմը։ Ռոբերտ Ջորդանը ձեռքով նշան արեց, որպեսզի թաքնվի, գնչուն պառկեց ու էլ չերևաց։
 +
 +
― Կարող էինք չորսին էլ սպանել, ― հանգիստ ասաց Ագուստինը։ Քրտինքը դեռ չէր չորացել նրա վրա։
 +
 +
― Այո, ― շշունջով պատասխանեց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց թե կրակելուց հետո ինչեր կարող էին պատահել, դժվար է ասել։
 +
 +
Հենց այդ րոպեին նորից գլորվող քարակտորի ձայն լսեց և արագ նայեց շուրջը։ Ոչ գնչուն էր երևում, ոչ Անսելմոն։ Նայեց ժամացույցին, հետո Պրիմիտիվոյին, որն անընդհատ բարձրացնում֊իջեցնում էր հրացանը։ Արդեն քառասունհինգ րոպե է, որ Պաբլոն հեռացել է այստեղից, մտածեց Ռոբերտ Ջորդանը և այդ պահին էլ ձիերի սմբակների դոփյուն լսեց։
 +
 +
― No te apures, ― շշուկով ասաց Ագուստինին։ ― Չանհանգստանաս։ Սրանք էլ մյուսների նման կանցնեն֊կգնան։
 +
 +
Քսան հոգուց կազմված հեծելազորային շարասյունը, նույնպիսի համազգեստով, ինչ առաջին չորսը, սրերը կողքներից կախած, հրացանները պատյաններում, զույգ֊զույգ շարված՝ եկան, շրջան գործեցին բացատում և մյուսների նման գնացին դեպի անտառը։
 +
 +
― Tu yes? ― ասաց Ռոբերտ Ջորդանը Ագուստինին։ ― Տեսա՞ր։
 +
 +
― Շատ էին, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Սրանց հետ էինք գործ ունենալու, եթե մյուսներին ոչնչացնեինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը ցածրաձայն։ Սրտի տրոփյունը չէր զգում արդեն, հիմա զգում էր հալված ձյունից թրջված վերնաշապկի թացությունը։ Դատարկության զգացողություն էր կրծքում։
 +
 +
Արևն արագ հալեցնում էր ձյունը։ Ծառաբների կողքերին ջրափոսեր էին գոյացել, գնդացրի փողի տակ, հենց իր դիմաց, ձյունը կիսով չափ հալվել, մանյակի տեսք էր ստացել, վերևից ընկնող արևի շողերից ու ներքևից եկող հողի տաք շնչից դարձել էր փխրուն։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց Պրիմիտիվոյի կողմը։ Նա ձեռքերը խաչ արեց։ Դա նշանակում էր ոչինչ չկա։
 +
 +
Ժայռերի ետևից երևաց Անսելմոյի գլուխը, Ռոբերտ Ջորդանը նշան արեց, որպեսզի նա մոտիկ գա։ Ծերունին ժայռերի վրայով սող տալով եկավ ու երեսնիվայր պառկեց գնդացրի կողքին։
 +
 +
― Շա՜տ էին, ― ասաց։ ― Շա՜տ։
 +
 +
― Ծառերն արդեն պետք չեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը նրան։ ― Անտառապատման գործով զբաղվելու անհրաժեշտությունը վերանում է։
 +
 +
Անսելմոն ու Ագուստինը ժպտացին։
 +
 +
― Քողարկումը քննություն բռնեց, իսկ ծառեր տնկելն հիմա վտանգավոր է, որովհետև կարող են վերադառնալ, և թերևս այնքան էլ բութ չեն։
 +
 +
Նրանց հետ խոսելու կարիքը ցույց էր տալիս, որ վտանգը լուրջ է եղել։ Վտանգի մեծությունը նա միշտ կարողացել էր որոշել հետագայում առաջացող խոսելու ցանկության ուժգնությամբ։
 +
 +
― Լավ էինք քողարկվել, չէ՞, ― ասաց նա։
 +
 +
― Լավ, ― ասաց Ագուստինը։ ― Ես այդ ֆաշիստների լավը։ Չորսին էլ կարող էինք սպանել։ Դու տեսա՞ր նրանց, ― ասաց Անսելմոյին։
 +
 +
― Տեսա։
 +
 +
― Լսիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանն Անսելմոյին։ ― Կգնաս քո երեկվա դիտակետը կամ ավելի լավ մի տեղ, ինքդ ընտրիր, և կհետևես ճանապարհի անցուդարձին, ոնց որ երեկ։ Լավ ուշացել ենք արդեն։ Կմնաս մինչև մութն ընկնի։ Հետո վերադարձիր, մեկ ուրիշին կուղարկենք։
 +
 +
― Բա ոտնահետքե՞րս։
 +
 +
― Ձյունը կհալչի, հետո կգնաս։ Գնա ներքևով։ Ձյունից հետո ճանապարհը ցեխոտ կլինի։ Ուշադրություն դարձրու շա՞տ են մեքենաներ անցել, թե ոչ, տես տանկերի հետքեր կա՞ն ձյան վրա։ Այսքան բան եմ ուզում քեզանից։
 +
 +
― Թույլ կտա՞ս։
 +
 +
― Անշուշտ։
 +
 +
― Քո թույլտվությամբ, ավելի լավ չի՞ լինի, եթե ես գնամ Լա Գրանխա և իմանամ, թե երեկ գիշեր ինչ է տեղի ունեցել այնտեղ, մեկնումեկին էլ հանձնարարեմ, որ այսօրվա անցուդարձը մի թղթի վրա գրի առնի, ոնց որ երեկ ես, հետո այս իրիկուն բերի֊հասցնի, կամ էլ ես գնամ֊բերեմ։
 +
 +
― Իսկ պարեկող հեծելազորից չե՞ս վախենում։
 +
 +
― Ոչ, եթե ձյունը հալվի։
 +
 +
― Լա Գրանխայում կա՞ այնպիսի մեկը, որ այդ գործն անի։
 +
 +
― Այո։ Այս գործը՝ այո։ Մի կին կա, նա կանի։ Լա Գրանխայում վստահելի կանայք շատ կան։
 +
 +
― Ես էլ եմ կարծում, որ կան, ― ասաց Ագուստինը։ ― Ավելին, համոզված եմ, նրանցից մի քանիսը ուրիշ նպատակների ևս կարող են ծառայել։ Ուզո՞ւմ ես ես գնամ։
 +
 +
― Թող ծերուկը գնա։ Դու գնդացրի լեզուն գիտես, իսկ օրը երկար է։
 +
 +
― Ձյունը հենց որ հալվի, կգնամ, ― ասաց Անսելմոն։ ― Շուտով կհալվի։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, Պաբլոյին կարո՞ղ են բռնել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը Ագուստինին։
 +
 +
― Պաբլոն հնարամիտ է, ― ասաց Ագուստինը։ ― Հնարավո՞ր է առանց որսաշների խելոք եղջերուն  բռնել։
 +
 +
― Երբեմն՝ այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Բայց ոչ Պաբլոյին, ― ասաց Ագուստինը։ ― Ինչ խոսք, նախկին Պաբլոյից հիմա միայն փշրանքներ են մնացել։ Բայց հենց այնպես, բախտի բերմամբ չէ, որ նա կարողացել է այս սարերում ոչ միայն կենդանի մնալ, այլև իր քեֆին, պայթելու չափ խմել, երբ ուրիշները վաղուց արդեն գլուխները դրել են պատերի տակ։
 +
 +
― Նա իսկապե՞ս այդքան հնարամիտ է։
 +
 +
― Շատ հնարամիտ է։
 +
 +
― Արտակարգ ընդունակություններ ես չնկատեցի նրա մոտ։
 +
 +
― Como que no?<ref>Ինչպե՞ս թե չէ (իսպ․):</ref> Եթե նա արտակարգ ընդունակություններ չունենար, երեկ գիշեր մահացած պիտի լիներ։ Ինձ թվում է, Ingles, որ դու քաղաքականությունից ու պարտիզանական կռիվներից շատ քիչ բան ես հասկանում։ Քաղաքականության ու այս կռիվների մեջ գլխավորն այն է, որ կարողանաս գոյությունդ շարունակել։ Տեսա՞ր, ոնց կարողացավ երեկ գիշեր իր գոյությունը շարունակել։ Այնքան էլ թրիք կերցրինք մարդուն, դու էլ, ես էլ։
 +
 +
Հիմա, երբ Պաբլոն կրկին միացել էր իրենց, Ռոբերտ Ջորդանը չէր ուզում նրա դեմ որևէ բան ասել ու զղջաց, որ նրա ընդունակությունների մասին այդպես անզգույշ ձևով արտահայտվեց։ Ինքն էլ շատ լավ գիտեր, որ Պաբլոն հնարամիտ է։ Պաբլոն էր, որ անմիջապես նկատեց կամրջի պայթեցմանը վերաբերող հրամանի բոլոր թերությունները։ Նրա նկատմամբ տածած հակակրանքն էր պատճառը, որ այդպես արտահայտվեց, արտահայտվեց ու տեղնուտեղն էլ հասկացավ, որ սխալ գործեց։ Դա էլ քեզ լարված վիճակից հետո շատախոսելու հետևանքը։ Խոսքը կտուրը գցելով դարձավ Անսելմոյին։
 +
 +
― Ո՞նց ես օրը ցերեկով Լա Գրանխա գնալու։
 +
 +
― Բավական լավ, ― ասաց ծերունին։ ― Առանց զինվորական նվագախմբի։
 +
 +
― Ու վզից կախած զանգուլակների, ― ասաց Ագուստինը։ ― Կամ էլ դրոշակ պարզած։
 +
 +
― Ո՞ր կողմով ես գնալու։
 +
 +
― Վերևով, հետո կիջնեմ ու կգնամ անտառով։
 +
 +
― Իսկ եթե բռնվե՞ս։
 +
 +
― Փաստաթղթեր ունեմ։
 +
 +
― Դա բոլորս էլ ունենք, բայց որ բռնվեցիր, մերը պիտի շտապ ուտես։
 +
 +
Անսելմոն գլուխը թափ տվեց և ձեռքը տարավ ու թփթփացրեց բաճկոնի կրծքագրպանը։
 +
 +
― Քանի՜֊քանի՜ անգամ են արդեն ստուգել, ― ասաց նա, ― բայց դեռ ոչ մի անգամ կուլ չեմ տվել։
 +
 +
― Ես կարծում եմ, որ լավ կլինի դրանց վրա մի քիչ մանանեխ քսենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մեր փաստաթղթերը ես պահում եմ ձախ կրծքագրպանումս, ֆաշիստներինը՝ աջ։ Այդպես չես շփոթվի, ինչքան էլ չնախատեսված դեպք լինի։
 +
 +
Երևի շատ ծանր է եղել այն պահին, երբ ձիավորների առաջին խմբի առաջնորդը մատնացույց արեց ժայռի բացվածքը, որովհետև բոլորն էլ սկսել են շատ խոսել։ Չափից շատ, մտածեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Լսիր, Ռոբերտո, ― ասաց Ագուստինը, ― ասում են, որ կառավարությունը օր֊օրի վրա աջ է թեքվում։ Ասում են Հանրապետությունում հիմա այլևս ընկեր չեն ասում միմյանց, այլ Senor և Senora։ Գուցե գրպաններիդ տեղերը փոխես, հա՞։
 +
 +
― Երբ բոլորովին աջ թեքվի, կդնեմ շալվարիս ետևի գրպանը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― այն էլ կքաշեմ մեջտեղը։
 +
 +
― Լավ, թող մնան շապիկիդ գրպանում, ― ասաց Ագուստինը։ ― Մի՞թե պատերազմը շահելու ենք, իսկ հեղափոխությունը տանուլ տալու։
 +
 +
― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց եթե մենք այս պատերազմը չշահենք, ո՛չ հեղափոխություն կմնա, ո՛չ Հանրապետություն, ո՛չ ես, ո՛չ դու, ոչ մի բան, միայն մի մեծ carajo:<ref>Հայհոյանք իսպաներեն։</ref>
 +
 +
― Ես էլ եմ այդպես ասում, ― ասաց Անսելմոն։ ― Դրա համար էլ մենք այս պատերազմը պետք է շահենք։ Պիտի հաղթենք, բայց ոչ մեկին պետք չէ գնդակահարել, ― ասաց Անսելմոն։ ― Պետք է արդարությամբ կառավարենք, թող ամեն մարդ իր մասնակցության չափով ստանա իր բաժինը։ Իսկ ովքեր կռվել են մեր դեմ, նրանց պետք է դաստիարակել, ցույց տալ իրենց սխալները։
 +
 +
― Պետք է գնդակահարել, ― ասաց Ագուստինը։ ― Պետք է գնդակահարել, այնքա՜ն գնդակահարել, այնքա՜ն։ Շատ֊շատ։
 +
 +
Աջ բռունցքը նա սկսեց խփել ձախ ձեռքի ափին։
 +
 +
― Ոչ մեկին պետք չէ գնդակահարել։ Ոչ իսկ ղեկավարներին։ Պետք է աշխատանքի միջոցով վերափոխել նրանց։
 +
 +
― Ես գիտեմ, թե ինչ աշխատանքի կդնեմ նրանց, ― ասաց Ագուստինն ու մի կտոր ձյուն գցեց բերանը։
 +
 +
― Ի՞նչ աշխատանքի, անպետք, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Երկու տեսակ, ամենափայլուն։
 +
 +
― Ասա տեսնենք։
 +
 +
Ագուստինը ևս մի կտոր ձյուն գցեց բերանը, նայեց բացատին, որտեղ քիչ առաջ հեծյալների խումբն էր երևացել։ Հետո թքեց բերանում հալված ձյունը։
 +
 +
― Vaya: Ինչ նախաճաշ է, է՜, ― ասաց։ ― Այդ զզվելի գնչուն ո՞ւր մնաց։
 +
 +
― Դե ասա, այդ ի՞նչ աշխատանք է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Խոսի՛ր, կեղտոտ բերան։
 +
 +
― Թռիչք ինքնաթիռներից առանց պարաշյուտի, ― ասաց Ագուստինը և աչքերը փայլեցին։ ― Սա նրանց համար, ում խղճում ենք։ Մյուսներին նստեցնել ցանկապատերի ցցերին։
 +
 +
― Ստոր բաներ ես ասում, ― ասաց Անսելմոն։ ― Այդ ձևով մենք երբեք հանրապետություն չենք ունենա։
 +
 +
― Ես դրանց բոլորի ամորձիները կհանեի, ապուր կեփեի ու հիսուն կիլոմետր մեջը լող կտայի, ― ասաց Ագուստինը։ ― Երբ այն չորս հոգին եկան ու կանգ առան, երբ տեսա, որ կարող ենք չորսին էլ սպանել, ոնց որ նժույգին սպասող զամբիկ լինեի։
 +
 +
― Թեև գիտես, թե ինչու չսպանեցինք, ― հանգիստ ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Գիտեմ։ Բայց այնպիսի պահանջ էի զգում, կարծես կատղորած զամբիկ լինեի։ Դու դա չես հասկանա, եթե ինքդ քո վրա անձամբ չես զգացել։
 +
 +
― Լավ քրտնել էիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես մտածեցի, որ վախից է։
 +
 +
― Վախի՞ց։ Այո, ― ասաց Ագուստինը։ ― Վախը կար, բայց կար և այն մյուսը։ Եվ այն մյուսից ավելի ուժեղ բան չկա այս կյանքում։
 +
 +
Այո, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Մենք սա անում ենք հանգիստ, անկիրք, բայց նրանք այդպես չեն, և երբեք չեն եղել։ Դա նրանց գերագույն սրբությունն է։ Դա նրանց հնագույն հավատն է, այն, որը տիրել է այստեղ մինչև Միջերկրականի հեռավոր ափերից եկած նոր կրոնի հաղթանակը։ Բայց նրանք երբեք չեն հրաժարվել այն մեկից, անթեղել են սոսկ, որպեսզի պատերազմների, ինկվիզիցիաների հետ այն նորից դուրս գա մոխիրների տակից։ Սրանք Auto de Fe֊ի ժողովուրդ են՝ հավատաքննության։ Սպանել՝ բոլորն էլ սպանում են, բայց մերը սրանցից տարբերվում է։ Իսկ դո՞ւ, ասաց ինքն իրեն, դու երբևէ չե՞ս գայթակղվել դրանով։ Չե՞ս գայթակղվել Սիեռայում։ Ոչ էլ Ուսերայո՞ւմ։ Ոչ էլ Էսթրեմադուրայում գտնվելուդ ժամանա՞կ։ Ոչ էլ երբևէ՞։ Que va, ասաց ինքն իրեն։ Գայթակղվել ես յուրաքանչյուր գնացքի պայթեցման ժամանակ։
 +
 +
Վերջ տուր քո այդ կասկածելի գրական մտորումներին բերբերների ու հին իբերացիների մասին և ընդունիր, որ քեզ ևս, ինչպես իր կամքով կռվի եկած ամեն մի զինվորի, խոստովանեն, թե ոչ, դուր է եկել սպանությունը։ Անսելմոյին դուր չի գա, որովհետև նա որսորդ է, զինվոր չէ։ Նրան էլ մի իդեալականացրու։ Որսորդները կենդանիներ են սպանում, զինվորները՝ մարդ։ Մի՛ խոսիր ինքդ քեզ, մտածեց նա։ Ոչ էլ գրական մարզանքների նյութ դարձրու դա։ Արդեն երկար ժամանակ է, որ վարակվել ես այդ ցավով։ Անսելմոյի նկատմամբ էլ արդար եղիր։ Հասկացիր, նա քրիստոնյա է։ Դա շատ հազվագյուտ բան է կաթոլիկական երկրներում։
 +
 +
Բայց այն ժամանակ ինձ թվաց, որ Ագուստինի մոտ դա վախ էր, մտածեց նա։ Բնական մարտին նախորդող պահի վախը։ Այն մյուսն է ուրեմն եղել։ Հիմա, անշուշտ, կարող է նաև գլուխ գովել։ Լավ վախեցել էր։ Ձեռքս վրան էր, զգացի։ Դե լավ, ժամանակն է, որ վերջացնենք այս խոսակցությունները։
 +
 +
― Տես այդ գնչուն ուտելիքը բերում է, թե ոչ, ― ասաց Անսելմոյին։ ― Չթողնես բարձրանա։ Հիմար է դա։ Վերցրու ինքդ բեր։ Եվ ինչքան էլ շատ բերած լինի, կուղարկես, որ էլի բերի։ Սոված եմ։
 +
 +
 +
==Գլուխ քսանչորսերորդ==
 +
 +
Հիմա արդեն ուշ մայիսյան առավոտ էր, երկինքը նորից բարձր էր ու ջինջ, և տաք քամին փչում էր Ռոբերտ Ջորդանի ուսերին։ Ձյունն արագ հալվում էր, իսկ նրանք նստած նախաճաշում էին։ Յուրաքանչյուրին երկու սանդվիչ էր հասել՝ մեկը մսով, մյուսը այծի պանրով։ Ծալովի դանակով Ռոբերտ Ջորդանը սոխը շերտատեց և դրեց մսի ու պանրի երկու կողերին։
 +
 +
― Բերանիդ հոտն հիմա կկտրի անտառն ու կընկնի ֆաշիստների քիթը, ― ասաց Ագուստինը՝ բերանը լիքը լցրած։
 +
 +
― Գինու տիկը տուր բերանս ողողեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, որ մսով ու պանրով սանդվիչները իրար հետ ուտում էր։
 +
 +
Երբեք այսպես քաղցած չէր եղել։ Ձյութի ու կաշվի մի թույլ համ տվող տկից գինի լցրեց բերանն ու կուլ տվեց, հետո մի ավելի մեծ կում արեց։ Տիկը այնպես էր պահել, որ գինին լցվում էր ուղիղ կոկորդը, գլուխըը հենել էր գնդացրի քողարկմանը ծառայող սոճու ճյուղերին, բարձրացված տկի վերին ծայրը դեմ էր առել ասեղնատերևներին։
 +
 +
― Ուզո՞ւմ ես, վերցրու այս մեկն էլ, ― ասաց Ագուստինը՝ գնդացրի վրայով ձեռքի սանդիվչը մեկնելով նրան։
 +
 +
― Ոչ։ Շնորհակալություն։ Դու կեր։
 +
 +
― Չեմ կարող։ Սովոր չեմ առավոտները բան ուտելու։
 +
 +
― Իրո՞ք չես ուզում։
 +
 +
― Չէ։ Վերցրո՛ւ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը վերցրեց սանդվիչը, դրեց ծնկին, բաճկոնի կողքի գրպանից  հանեց նռնակների հետ դրված սոխը, բացեց դանակը շերտատեց։ Սոխի արծաթավուն վերին թերթիկը, որ կեղտոտվել էր գրպանում, հանեց֊գցեց, հետո մի հաստ շերտ կտրեց։ Արտաքին օղակը պողկվեց ընկավ, վերցրեց ծալեց ու դրեց սանդվիչի մեջ։
 +
 +
― Մի՞շտ ես նախաճաշին սոխ ուտում, ― հարցրեց Ագուստինը։
 +
 +
― Եթե լինում է։
 +
 +
― Բոլո՞րն էլ ուտում են ձեր երկրում։
 +
 +
― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Անբարեկրթություն է համարվում։
 +
 +
― Ուրախ եմ, ― ասաց Ագուստինը։ ― Ամերիկան ես միշտ քաղաքակիրթ երկիր եմ պատկերացրել։
 +
 +
― Ի՞նչ ունես սոխի դեմ։
 +
 +
― Հոտը։ Ուրիշ ոչ մի բան։ Թե չէ՝ ոնց որ վարդ լինի։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ուտելիս ժպտաց նրան։
 +
 +
― Ոնց որ վարդ, ― ասաց նա։ ― Շատ նման է վարդի։ Վարդը վարդ է, սոխ է։
 +
 +
― Սոխն սկսել է ազդել ուղեղիդ վրա, ― ասաց Ագուստինը։ Զգուշացի՛ր։
 +
 +
― Սոխը սոխ է, սոխ է, ― ուրախ ասաց Ռոբերտ Ջորդանն ու շարունակեց մտքում՝ քարը Stein է, ժայռ է, գլաքար է, գետաքար է։
 +
 +
― Վերցրու տիկը, գինի առ բերանդ, ողողիր, ― ասաց Ագուստինը։ ― Շատ տարօրինակ մարդ ես դու, Ingles: Այստեղ եկած այն դինամիտավորի և քո մեջ մեծ տարբերություն կա։
 +
 +
― Միայն մեկ մեծ տարբերություն կա։
 +
 +
― Ո՞րն է։
 +
 +
― Ես ողջ եմ, իսկ նա մեռած, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Այդ ի՞նչ պատահեց քեզ, մտածեց նա իսկույն ևեթ։ Մի՞թե կարելի է այդ ձևով խոսել։ Կուշտ կերար երջանկացա՞ր։ Թե՞ սոխից ես հարբել։ Ուրեմն հիմա միայն ապրելն է քեզ համար։ Բայց չէ՞ որ դու երբեք լուրջ նշանակություն չես տվել դրան, անկեղծորեն ասաց ինքն իրեն։ Դու փորձել ես ինչ֊որ իմաստ դնել դրա մեջ, բայց դա երբեք չի հաջողվել։ Իսկ հիմա շատ քիչ ժամանակ է մնացել, կարիք չկա ստերով տարվելու։
 +
 +
― Ոչ, ― ասաց արդեն լրջացած։ ― Նա մի մարդ էր, որ շատ էր տառապել։
 +
 +
― Իսկ դու։ Դու չե՞ս տառապել։
 +
 +
― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես այն մարդկանցից եմ, որոնք քիչ են տառապում։
 +
 +
― Ես էլ, ― ասաց Ագուստինը։ ― Դա մարդուց է։ Ոմանք տառապում են, ոմանք՝ ոչ։ Ես թեթև եմ տանում։
 +
 +
― Այդպես լավ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և բարձրացրեց գինու տիկը։ ― Իսկ եթե սա էլ կա՝ ավելի լավ։
 +
 +
― Ես տառապում եմ ուրիշների համար։
 +
 +
― Ինչպես ամեն լավ մարդ։
 +
 +
― Ինձ համար, սակայն, շատ քիչ։
 +
 +
― Կին ունե՞ս։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Ես էլ չունեմ։
 +
 +
― Բայց արդեն ունես՝ Մարիան։
 +
 +
― Այո։
 +
 +
― Տարօրինակ է, ― ասաց Ագուստինը։ ― Աղջկան գնացքից բերելուց հետո Պիլարն այնպիսի խստությամբ էր հետևում, պահում֊պահպանում նրան, կարծես կարմելիտյան ուխտի միանձնուհի լիներ։ Չես կարող պատկերացնել, թե ինչպիսի խստությամբ էր պահպանում։ Եվ ահա գալիս ես դու, ու նա վերցնում աղջկան որպես ընծա տալիս է քեզ։ Ո՞նց է, ի՞նչ կասես։
 +
 +
― Ոչ, այդպես չէր։
 +
 +
― Հապա ինչպե՞ս էր։
 +
 +
― Նա աղջկան դրեց իմ հոգատարության տակ։
 +
 +
― Հոգ տանելն այն է, որ գիշեր մինչև լույս joder<ref>Սեր անել (իսպ․)։</ref> անես հետը։
 +
 +
― Եթե բախտը ժպտա։
 +
 +
― Լավ հոգատարություն է։
 +
 +
― Համաձայն չե՞ս, որ այդ ձևով էլ կարելի է հոգ տանել։
 +
 +
― Կարելի է, բայց մեզնից յուրաքանչյուրը կարող էր այդ ձևով հոգ տանել։
 +
 +
― Արի դրա մասին այլևս չխոսենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես նրան իսկապես լուրջ եմ վերաբերվում։
 +
 +
― Լո՞ւրջ։
 +
 +
― Ավելի, քան որևէ այլ բանի այս աշխարհում։
 +
 +
― Իսկ հետագայո՞ւմ։ Կամրջից հետո ո՞նց է լինելու։
 +
 +
― Տանելու եմ հետս։
 +
 +
― Ուրեմն, ― ասաց Ագուստինը, ― ես այլևս խոսելիք չունեմ, գնացեք, երկուսդ էլ բախտավոր եղեք։
 +
 +
Նա վերցրեց գինու տիկը, մի լավ կում արեց, հետո մեկնեց Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
― Մի բան էլ, Ingles, ― ասաց նա։
 +
 +
― Ասա։
 +
 +
― Ես էլ էի նրան սիրում։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ձախ ձեռքը դրեց նրա ուսին։
 +
 +
― Շա՜տ, ― ասաց Ագուստինը։ ― Շա՜տ։ Ոչ ոք չի կարող պատկերացնել։
 +
 +
― Ես կարող եմ։
 +
 +
― Հենց սկզբից այնպիսի տպավորություն գործեց վրաս, որ չեմ կարողանում ազատվել։
 +
 +
― Պատկերացնում եմ։
 +
 +
― Լսի՛ր։ Սա ես քեզ ասում եմ ամենայն լրջությամբ։
 +
 +
― Լսում եմ։
 +
 +
― Ես նրան ձեռք չեմ տվել, ոչ մի բան չեմ արել, բայց շատ ուժեղ եմ սիրում։ Դու նրա հետ թեթև չվերաբերվես, Ingles։ Եթե քեզ հետ պառկում է, չմտածես, որ պոռնիկ է։
 +
 +
― Ես նրան միշտ կսիրեմ։
 +
 +
― Ես քեզ հավատում եմ։ Բայց մի բան էլ ասեմ։ Դու չգիտես, թե նա ինչ աղջիկ կլիներ, եթե այս հեղափոխությունը չլիներ։ Դու պատասխանատու ես նրա համար։ Նա իրոք շատ է տառապել։ Նա մեզ նման չէ։
 +
 +
― Ես ամուսնանալու եմ նրա հետ։
 +
 +
― Չէ։ Դա չէր ասածս։ Հեղափոխության ժամանակ դրա կարիքը չկա։ Բայց․․․ ― հավանություն տալու շարժում արեց գլխով, ― դա ավելի լավ կլինի։
 +
 +
― Ես ամուսնանալու եմ նրա հետ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և զգաց, որ կոկորդը սեղմվեց։ ― Ես նրան շատ ուժգին եմ սիրում։
 +
 +
― Հետագայում, ― ասաց Ագուստինը։ ― Երբ ավելի նպաստավոր պայմաններ լինեն։ Կարևորն այն է, որ մտադրություն ունենաս։
 +
 +
― Ունեմ։
 +
 +
― Լսի՛ր, ― ասաց Ագուստինը։ ― Թեև ես իրավունք չունեմ այս նյութի մասին այսպես երկար խոսելու, բայց ասա՛, մեր երկրում շա՞տ կանանց ես ճանաչել։
 +
 +
― Քիչ։
 +
 +
― Պոռնիկների՞։
 +
 +
― Ոչ միայն։
 +
 +
― Քանի՞ հոգու։
 +
 +
― Մի քանի։
 +
 +
― Իսկ պառկե՞լ ես հետները։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Տեսնո՞ւմ ես։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ուզում եմ ասել, որ սա Մարիայի համար ժամանց չէ։
 +
 +
― Ոչ էլ ինձ համար։
 +
 +
― Եթե մտածեի, որ այդպես է, երեկ գիշեր, երբ պառկեցիր հետը, քեզ կսպանեի։ Հաճախ են այստեղ դրա համար սպանում։
 +
 +
― Լսի՛ր, ծերուկ, ժամանակի սղությունն էր պատճառը, որ կարգ ու կանոնով չեղավ ամեն ինչ։ Ժամանակ չունենք։ Վաղը մարտ ենք մղելու։ Եթե միայն ինձ վերաբերեր, նշանակություն չուներ։ Բայց որ Մարիային և ինձ է վերաբերում, նշանակում է մեր ամբողջ կյանքը մնացած այս ժամանակում պիտի ապրենք։
 +
 +
― Իսկ մի ցերեկն ու մի գիշերը շատ կարճ ժամանակ է, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Այո, բայց եղել է նաև երեկվա օրը, եղել է նախորդ գիշերը, եղել է անցած գիշերը։
 +
 +
― Տես, ― ասաց Ագուստինը։ ― Եթե կարող եմ քեզ օգնել, ասա։
 +
 +
― Չէ։ Ամեն ինչ կարգին է։
 +
 +
― Եթե կարող եմ ինչ֊որ բան անել քեզ համար, կամ գլուխը խուզածի․․․
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Ճիշտ է, քիչ բան կարող է անել մարդը մարդու համար։
 +
 +
― Ոչ։ Շատ բան։
 +
 +
― Ի՞նչ։
 +
 +
― Խոստացիր, որ այսօր ու վաղը ինչ էլ պատահի, մարտի ժամանակ կվստահես ինձ ու կհնազանդվես հրամաններիս, նույնիսկ եթե դրանք սխալ թվան քեզ։
 +
 +
― Վստահում եմ քեզ։ Վստահում եմ հենց այն պահից, որ ձիավորի հաշիվը մաքրեցիր ու ձին էլ ճամփու դրեցիր։
 +
 +
― Դա դատարկ բան էր։ Հասկանո՞ւմ ես, ինչ որ անում ենք հիմա, մի նպատակի համար է։ Պատերազմը շահելու։ Եթե մենք չհաղթենք, ամեն ինչ անիմաստ է դառնալու։ Վաղը մենք շատ կարևոր հանձնարարություն պետք է կատարենք։ Չափազանց կարևոր։ Մարտ ենք տալու։ Մարտի ժամանակ պետք է կարգապահություն լինի։ Որովհետև շատ բան այնպես չէ, ինչպես թվում է։ Կարգապահությունը պետք է հիմնված լինի հավատի ու ու վստահության վրա։
 +
 +
Ագուստինը թքեց հատակին։
 +
 +
― Դրանք կապ չունեն Մարիայի հետ, ― ասաց նա։ ― Հիմա դու և Մարիան, որպես երկու մարդ արարած, օգտվեք եղած ժամանակից։ Ես էլ եթե մի բանով կարող եմ օգտակար լինել, ասա՛։ Իսկ վաղվա մասին  մի՛ մտածիր, կենթարկվեմ, կուրորեն։ Եթե վաղը անհրաժեշտ լինի մեռնել, կգնամ, ուրախ, թեթև սրտով։
 +
 +
― Ես դա զգում էի սկզբից ևեթ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց հաճելի է, որ քեզնից եմ լսում։
 +
 +
― Մի բան էլ, ― ասաց Ագուստինը։ ― Այն վերևինը, ― մատով ցույց տվեց Պրիմիտիվոյի կողմը, ― վստահելի մարդ է։ Պիլարը՝ շատ, շատ ավելի, քան կարող ես երևակայել։ Ծերուկը՝ Անսելմոն, նույնպես։ Անդրեսը նույնպես։ Էլադիոն նույնպես։ Շատ հանգիստ մարդ է, բայց վստահելի տարր է։ Ֆերնանդոն էլ։ Ես չգիտեմ, թե դու ինչ կարծիք ունես նրա մասին։ Ճիշտ է, ծանր մարդ է, ասես արճիճ լինի։ ― Այնքան է հոգի ուտում ու ձանձրացնում, ոնց որ բարձած սայլը սար քարշ տվող եզ։ Բայց կռվում է, բոլոր հրամանները կատարում։ Es muy hombre:<ref>Իսկական տղամարդու նման։ (իսպ․):</ref> Կտեսնես։
 +
 +
― Ասա բախտներս բերելա։
 +
 +
― Չէ։ Երկու անպետքը կան։ Գնչուն ու Պաբլոն։ Լավն է Սորդոյի խումբը, մենք նրանց հետ համեմատած՝ այծի կտտոր ենք։
 +
 +
― Ուրեմն ամեն ինչ կարգին է։
 +
 +
― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Բայց կուզեի, որ այդ բանը այսօր լիներ։
 +
 +
― Ես նույնպես։ Անեինք֊վերջացնեինք։ Բայց չի լինի։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, ծա՞նր է լինելու։
 +
 +
― Կարող է։
 +
 +
― Բայց ուրախ ես, Ingles:
 +
 +
― Այո։
 +
 +
― Ես էլ։ Չնայած Մարիայի և ամեն ինչի։
 +
 +
― Գիտե՞ս ինչու։
 +
 +
― Չէ։
 +
 +
― Ես էլ։ Թերևս եղանակից է։ Լավ օր արեց։
 +
 +
― Ո՞վ գիտի։ Թերևս նրանից, որ մարտ ենք մղելու։
 +
 +
― Կարծում եմ դրանից է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ոչ այսօր։ Ինչ ուզում է լինի, մենք այսօր պիտի խուսափենք կռվից, հիմա դա է ամենից կարևորը։
 +
 +
Խոսելիս ինչ֊որ բան լսեց, հեռուներից եկող մի ձայն, որ կորավ ծառերի մեջ վազող քամու սուլոցում։ Չէր կարողանում որոշել, բերանը բաց, ականջները սրած փորձում էր որսալ, նայեց վերև՝ Պրիմիտիվոյին։ Մի պահ թվաց, որ նորից լսեց այդ ձայնը, բայց միայն մի պահ։ Քամին սուրում էր սոճիների մեջ, իսկ Ռոբերտ Ջորդանը ամբողջ էությամբ լարված լսում էր։ Քամու միջից դարձյալ ականջին հասավ այդ թույլ, անորոշ ձայնը։
 +
 +
― Ի՞նչ արած, մեռնել չէ, ― խոսում էր Ագուստինը։ ― Հույսս պիտի կտրեմ Մարիայից, վերջնականապես։ Էլի առաջվա նման պիտի գնամ քարշ գամ պոռնիկների հետ։
 +
 +
― Սուս արա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, որ գլուխը շրջած պառկել էր կողքին, բայց չէր լսում նրան։ Ագուստինն հանկարծ շրջվեց ու նայեց նրան։
 +
 +
― Que pasa?<ref>Ի՞նչ պատահեց (իսպ․):</ref> ― հարցրեց։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ձեռքը տարավ բերանին և շարունակեց ականջ դնել։ Ահա նորից եկավ նույն ձայնը։ Թույլ էր, խլացած, չոր ու հեռավոր։ Բայց արդեն սխալվել չէր կարելի։ Գնդացրի կրակահերթի հստակ ճայթուկներ են մերթընդմերթ տրաքվում։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց Պրիմիտիվոյին, որ հիմա կանգնած ու ձեռքը ականջին իրենց էր նայում։ Պրիմիտիվոն մատնացույց արեց լեռները։
 +
 +
― Կռիվ է Էլ Սորդոյի մոտ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Դե գնանք օգնենք, ― ասաց Ագուստինը։ ― Հավաքի՛ր ժողովրդին։ Vamonos:
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մենք կմնանք այստեղ։
 +
 +
 +
==Գլուխ քսանհինգերորդ==
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց վերև ու տեսավ, որ Պրիմիտիվոն կանգնել է դիտակետում և, հրացանը պահած, ցույց է տալիս լեռները։ Ռոբերտ Ջորդանը գլխով արեց, բայց նա շարունակում էր ցույց տալ, ձեռքը տանում էր ականջին, նորից համառորեն ցույց տալիս, կարծես վախենում էր, որ իրեն չեն հասկանում։
 +
 +
― Մնա գնդացրի մոտ, և մինչև հաստատ համոզված չլինես, հաստատ, հաստատ համոզված չլինես, որ քո վրա են գալիս, չկրակես։ Համոզվես էլ, դարձյալ սպասիր, թող գան֊հասնեն այդ դիմացի թփուտը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հասկացա՞ր։
 +
 +
― Այո։ Բայց․․․
 +
 +
― Ոչ մի բայց։ Հետո կբացատրեմ։ Ես գնամ Պրիմիտիվոյի մոտ։ Անսելմոն կողքին էր, դարձավ ծերունուն։
 +
 +
― Viejo, կմնաս այստեղ, գնդացրի մոտ, Ագուստինի հետ։ ― Խոսում էր դանդաղ, առանց շտապելու։ ― Եթե հեծելազորը չգա մինչև այստեղ հասնի, նա չպիտի կրակի։ Իսկ եթե գան ու անցյալ անգամվա նման գնան, թողեք հանգիստ անցնեն։ Իսկ եթե ստիպված լինի կրակելու, գնդացրի ոտը ամուր կպահես, ու հենց որ սկավառակը դատարկվի, նորը կտաս։
 +
 +
― Շատ լավ, ― ասաց ծերունին։ ― Իսկ Լա Գրանխա՞ն։
 +
 +
― Հետո։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը մագլցում էր, կառչում գլաքարերին, ձեռքերը թրջվել էին։ Արևն արագորեն հալեցնում էր ձյունը, գլաքարերի կատարներն արդեն չորացել էին։ Մագլցելիս նա նայեց շուրջը, հայացքի առջև փռվեցին սոճու անտառը, դրանից այն կողմն ընկած մի երկար, բաց տարածություն, հետո լեռները։ Կանգնեց Պրիմիտիվոյի կողքին, երկու գլաքարերի ետևը, իսկ կարճահասակ թխադեմ մարդն ասաց․
 +
 +
― Գնացին Էլ Սորդոյի վրա։ Ի՞նչ ենք անում։
 +
 +
― Ոչինչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Հրաձգության աղմուկը պարզ լսվում էր այստեղից, իսկ երբ նայեց հեռավոր սարալանջերին, տեսավ հեծյալ մի խումբ, որը դուրս եկավ անտառից և ձյունապատ զառիթափով շարժվեց դեպի հրաձգության կողմը։ Նա տեսավ ձյան վրայով զույգ֊զույգ առաջ շարժվող հեծյալների սև շարասյունը։ Նայեց, մինչև շարասյունը հասավ լեռնապարի կատարը և ծածկվեց հեռավոր անտառում։
 +
 +
― Մենք պետք է օգնենք նրանց, ― ասաց Պրիմիտիվոն։ Նրա ձայնը խռպոտ էր ու նվաղուն։
 +
 +
― Դա անհնար է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես սպասում էի սրան։
 +
 +
― Ո՞նց։
 +
 +
― Նրանք գիշերը գնացել էին ձիեր ճարելու։ Ձյունը որ դադարեց հետքերով եկան֊գտան։
 +
 +
― Բայց մենք պետք է օգնենք նրանց, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Մենք չենք կարող նրանց մենակ թողնել։ Նրանք մեր ընկերներն են։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ձեռքը դրեց Պրիմիտիվոյի ուսին։
 +
 +
― Մենք ոչինչ չենք կարող անել, ― ասաց նա։ ― Եթե կարող լինեինք, կասեի գնանք։
 +
 +
― Վերևով ճանապարհ կա։ Այս գնդացիրն ու քոնը վերցնենք, նստենք ձիերն ու գնանք։ Այդպես կարող ենք գնալ և օգնել։
 +
 +
― Լսի՛ր․․․ ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Լսում եմ, ահա՛, ― ասաց Պրիմիտիվոն։
 +
 +
Հրաձգության ձայները գալիս էին ալիքների նման թավալ տալով։ Հետո ձեռքի նռնակների պայթյունների խուլ աղմուկի մեջ գնդացիրների կրակոցների չոր ճարճատյունը կորավ։
 +
 +
― Կորան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հենց այն պահից, երբ ձյունը դադարեց, նրանք կորած էին արդեն։ Մենք ևս կկորչենք, եթե գնանք։ Մենք չենք կարող մեր ուժերը ջլատել։
 +
 +
Պրիմիտիվոյի վիզը, ծնոտն ու ներքևի շրթունքի տակը մոխրագույն մազ֊մորուքով էին ծածկված։ Դեմքի մնացած մասը շագանակագույն էր ու տափակած։ Քիթը ջարդված էր ու ճզմված, աչքերը մոխրագույն էին ու փոս ընկած։ Երբ Ռոբերտ Ջորդանը ուշադիր հայացքը հառեց նրան, նկատեց, որ բերանի անկյունների ու վզի մազերը դողում են։
 +
 +
― Լսի՛ր, ― ասաց նա։ ― Կոտորած է։
 +
 +
― Եթե պաշարել են, այդպես էլ կլինի։ Գուցե հաջողվել է մեկնումեկին դուրս պրծնել։
 +
 +
― Մենք կարող ենք թիկունքից խփել, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ձիերն առնենք ու այս չորս հոգիս գնանք։
 +
 +
― Իսկ հետո՞։ Թիկունքից խփեցիր, հետո ի՞նչ է լինելու։
 +
 +
― Կմիանանք Սորդոյին։
 +
 +
― Որպեսզի միասի՞ն մեռնենք։ Տես, թե արևը որտեղ է։ Օրը դեռ նոր է սկսվել։
 +
 +
Երկինքը բարձր էր ու անամպ, արևը տաքացրել էր թիունքները, բացատից այն կողմ, հարավային սարալանջին ընդարձակ տարածություններ մերկացել էին, սոճիների վրայի ձյունը լրիվ թափվել էր։ Խոնավ գլաքարերից գոլորշի էր բարձրանում։
 +
 +
― Պիտի դիմանաս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Hay que aguantarse: Այսպես է պատերազմում։
 +
 +
― Բայց իսկապե՞ս ոչինչ չենք կարող անել։ ― Պրիմիտիվոն նայեց նրան և Ռոբերտ Ջորդանն զգաց, որ նա հավատում է իրեն։ ― Հնարավոր չէ՞, որ ինձ թույլ տաս վերցնեմ փոքր գնդացիրն ու մեկնումեկի հետ գնամ։
 +
 +
― Անօգուտ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Թվաց, որ երևաց այն, ինչին սպասում էր, բայց դա ուրուր էր, որը հանձնվել էր քամու հոսանքին, իսկ հիմա դուրս եկավ ու թռչում է հեռու սոճու անտառի վրայով։
 +
 +
― Անօգուտ է, եթե նույնիսկ բոլորս գնանք, ― ասաց նա։
 +
 +
Հենց այդ պահին կրկին ուժգնությամբ վերսկսվեցին կրակոցները, ձեռքի նռնակների պայթյունի ձայներ հասան։
 +
 +
― Ա՜խ, ես դրանց, ― ասաց Պրիմիտիվոն՝ հայհոյելու ահավոր մոլուցքով բռնված։ Աչքերն արցունքով էին լցված, դեմքն ամբողջ ցնցվում էր։ ― Ո՜վ տեր աստված, ո՜վ սուրբ կույս, ես դրանց կեղտոտ կաթը։
 +
 +
― Հանգստացիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շուտով քո հերթն էլ կգա, դու էլ կկռվես։ Ահա և Պիլարը։
 +
 +
Պիլարը դժվարությամբ մագլցում էր գլաքարերի վրայով։
 +
 +
Պրիմիտիվոն անընդհատ կրկնում էր իր հայհոյանքը․ «Ես դրանց։ Ո՜վ տեր աստված, ո՜վ սուրբ կույս։ Դրանց․․․»։ Ռոբերտ Ջորդանը սողալով գնաց, որպեսզի օգնի Պիլարին բարձրանալու։
 +
 +
― Que tal կի՛ն, ― ասաց բռնելով նրա ձեռքերից ու արդեն վերջին գլաքարի վրայից վերև ձգելով։
 +
 +
― Հեռադիտակդ, ― ասաց կինն ու վզից հեռադիտակի գոտին հանեց։ ― Ուրեմն Սորդոյի մո՞տ են։
 +
 +
― Այո։
 +
 +
― Podre,<ref>Խեղճ (իսպ․):</ref> ― ասաց կարեկցաքով։ ― Խեղճ Սորդո։
 +
 +
Վերելքից հևում էր, բռնել էր Ռոբերտ Ջորդանի ձեռքը, ամուր սեղմել ու նայում էր չորսբոլորը։
 +
 +
― Քեզ ի՞նչ է թվում, ո՞նց է մարտը։
 +
 +
― Վատ է։ Շատ վատ։
 +
 +
― Jodido?<ref>Կորա՞ծ է (իսպ․):</ref>
 +
 +
― Կարծում եմ։
 +
 +
― Podre, ― ասաց, հետո հարցրեց․ ― Այդ ովքե՞ր են եղել այստեղ։ Ռաֆայելն ամբողջ մի պատմություն արեց ինձ հեծելազորի մասին։
 +
 +
― Պարեկներ էին, հետո էլ հեծելավաշտի մի խումբ։
 +
 +
― Մինչև որտե՞ղ հասան։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ցույց տվեց որտեղ, հետո էլ գնդացրի տեղը։ Երևում էր Ագուստինի սապոգը, որ դուրս էր ցցվել գնդացիրը քողարկող ճյուղերի արանքից։
 +
 +
― Գնչուն ասում էր եկել են հասել գնդացրին, իբր փողը առաջնորդի ձիու կրծքին է դեմ առել, ― ասաց Պիլարը։ ― Գնչո՛ւ, գնչո՛ւ։ Ա՜յ թե ցեղ է։ Հեռադիտակդ քարայրում էր մնացել։
 +
 +
― Կապեցիք֊վերջացրի՞ք ամեն ինչ։
 +
 +
― Ինչ որ տարվելու է, հավաքել֊կապել ենք։ Պաբլոյից ի՞նչ լուր կա։
 +
 +
― Հեծելազորի գալուց քառասուն րոպե առաջ այստեղից դուրս է եկել։ Գնացին իր հետքերով։
 +
 +
Պիլարը քմծիծաղեց։ Նա տակավին պահել էր Ջորդանի ձեռքը։ Հիմա արդեն բաց թողեց։
 +
 +
― Նրան չեն հասնի, ― ասաց։ ― Հիմա Սորդոյից ասա։ Կարո՞ղ ենք մի բան անել։
 +
 +
― Ոչ մի բան։
 +
 +
― Pobre, ― ասաց նա։ ― Շատ էի սիրում Սորդոյին։ Դու համոզվա՞ծ ես, համոզվա՞ծ ես, որ jodido է։
 +
 +
― Այո։ Տեսա հեծելազորը, շատ֊շատ էին։
 +
 +
― Այստեղ եկածներից շա՞տ էին։
 +
 +
― Ամբողջ մի վաշտ բարձրացավ այնտեղ։
 +
 +
― Լսո՞ւմ ես կրակոցները, ― ասաց Պիլարը։ ― Pobre, pobre Sordo:
 +
 +
Հիմա ականջ էին դրել հրաձգության ձայներին։
 +
 +
― Պրիմիտիվոն ուզում էր գնալ այնտեղ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Գժվե՞լ ես, ― ասաց Պիլարը տափակադեմ մարդուն։ ― Մենք այս ի՞նչ locos<ref>Խելագարներ (իսպ․):</ref> ենք աճեցնում այստեղ։
 +
 +
― Ուզում եմ օգնել նրանց։
 +
 +
― Que va, ― ասաց Պիլարը։ ― Այս էլ քեզ մի ուրիշ ցնդած։ Չե՞ս հավատում, որ այստեղ էլ շատ շուտով կարող ես մեռնել առանց ավելորդ ճանապարհորդությունների։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց այդ կնոջ լայն, թուխ, հնդկացու այտոսկրերով դեմքին, սև ու միմյանցից հեռու բազմած աչքերին, ծիծաղող բերանին, որի վրա վշտաբեկ ծանրացել էր վերին շրթունքը։
 +
 +
― Դու քեզ պետք է տղամարդու նման պահես, ― ասաց Պիլարը։ ― Հասուն մարդ ես։ Մազերդ արդեն ճերմակել են։ Եվ ընդհանրապես։
 +
 +
― Ձեռ մի առ, ― մռայլված ասաց Պրիմիտիվոն։ ― Մարդ եթե փոքր֊ինչ սիրտ ունենա, փոքր֊ինչ երևակայություն․․․
 +
 +
― Պետք է կարողանալ տիրապետել դրանց, ― ասաց Պիլարը։ ― Շատ շուտով կմեռնես այստեղ․ մեզ հետ միասին։ Կարիք չկա օտարների մոտ մահ փնտրելու։ Իսկ ինչ վերաբերում է երևակայությանը, դա թող գնչուին։ Նրա ունեցածը բոլորիս էլ կհերիքի։ Այդ ի՜նչ հեքիաթներ էր պատմում։
 +
 +
― Եթե տեսած լինեիր, չէիր ասի, որ հեքիաթ է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Մի պահ եղավ, որ շատ ծանր էր։
 +
 +
― Que va, ― ասաց Պիլարը։ ― Մի երկու հեծյալ եկել են, կանգնել ու գնացել։ Հետո՞։ Այնպես եք խոսում, կարծես հերոսություն արած լինեք։ Դա դրանից է, որ շատ եք անգործ մնացել։
 +
 +
― Սորդոյի վիճակն էլ ծանր չէ, հա՞, ― ասաց Պրիմիտիվոն արդեն քամահրանքով։ Քամու հետ հասնող յուրաքանչյուր կրակոցի ձայնի հետ նրա դեմքին տառապանքի մի նոր արտահայտություն էր երևում, նա ուզում էր վեր կենալ ու գնալ֊կռվել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ուրեմն այս կինը գոնե հեռանար ու իրեն մենակ թողներ։
 +
 +
― Total, que?<ref>Հետո ի՞նչ (իսպ․):</ref> ― ասաց Պիլարը։ ― Ինչ եղել է, եղել է։ Cojones ունես, տղամարդ մնա։ Ի՞նչ ես ուրիշի դարդն առել ու նստել։
 +
 +
― Դե ռադ եղիր, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Կնկա բութ, դաժան մի տեսակ կա, որ անտանելի է։
 +
 +
― Լավ, գնացի, որպեսզի վատ չզգան սերնդագործելու անընդունակ որոշ մարդիկ, ― ասաց Պիլարը, ― մանավանդ որ ոչինչ չի երևում այստեղից։
 +
 +
Հենց այդ պահին Ռոբերտ Ջորդանն ինքնաթիռի ձայն լսեց գլխավերևում։ Նայեց վերև, բարձր երկնքում մի ինքնաթիռ էր թռչում, կարծես այն, որ առավոտյան էր տեսել։ Վերադառնում էր ռազմաճակատի հետախուզությունից և գնում էր այն բարձրունքների ուղղությամբ, որտեղ Էլ Սորդոյի խումբը մարտի էր բռնվել։
 +
 +
― Եկավ չարագուշակ թռչունը, ― ասաց Պիլարը։ ― Կնկատի՞ կռիվը։
 +
 +
― Անպայման, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Նրանք նայում էին բարձր երկնքում գրեթե անշարժացած ու արևի շողերի մեջ արծաթին տվող ինքնաթիռին։ Իրենց ձախ կողմից էր գալիս, երևում էին պրոպելլերների պտույտից առաջացած լույսի երկու շրջանակներ։
 +
 +
― Պառկե՛ք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Ինքնաթիռն անցնում էր իրենց գլխավերևով, ստվերն ընկավ բացատի վրա, աղմուկը հասավ բարձրակետին։ Անցավ, ուղղվեց դեպի լեռները։ Ակնդետ հետևում էին մինչև անհետանալը, բայց ահա նորից հայտնվեց, լեռնապարի վրա երկու շրջան գործեց, հետո գնաց դեպի Սեգովիա ու անհայտացավ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց Պիլարին։ Կինը գլուխը տարուբերեց, ճակատը քրտինքով էր պատվել։ Ներքևի շրթունքն առել էր ատամների արանքը։
 +
 +
― Ամենքս էլ մի բան ունենք, ― ասաց նա։ ― Իմն էլ սրանք են։
 +
 +
― Չլինի՞ իմ վախն էր, քեզ էլ վարակեցի, ― չարախնդաց Պրիմիտիվոն։
 +
 +
― Չէ, ― ասաց կինն ու ձեռքը դրեց նրա ուսին։ ― Դու վախկոտ չես, որ ուրիշին էլ վարակես։ Ես դա գիտեմ։ Ներիր, որ կատակս կոպիտ դուրս եկավ։ Բոլորս էլ մի օրի ենք։ Նույն տապակում ենք տապակվում։ ― Հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին, ― գնամ ուտելիք ու գինի ուղարկեմ։ Ուրիշ ի՞նչ բանի կարիք ունես։
 +
 +
― Առայժմ ոչ մի բանի։ Մյուսներն ո՞ւր են։
 +
 +
― Պահեստայինդ ներքևում է, ձիերի մոտ, ողջ ու անաղարտ, ― ասաց քմծիծաղելով։ ― Ամեն ինչ ծածկված է, ոչինչ չի երևում։ Ինչ որ տանելու ենք, կապած֊պատրաստ է։ Ուսապարկերիդ կողքին Մարիան է։
 +
 +
― Եթե պատահի, որ ինքնաթիռներն այս կողմ գան, աղջկան տար քարայր։
 +
 +
― Ճիշտ այդպես, տեր իմ Ingles, ― ասաց Պիլարը։ ― Քո գնչուին (ես նրան նվիրում եմ քեզ) ուղարկել եմ սունկ հավաքելու, որպեսզի նապաստակների հետ եփեմ։ Հիմա լավ սունկ կա, կարծում եմ, որ նապաստակներն հենց այսօր կուտենք, թեև եթե վաղվա, կամ մյուս օրվա մնային, ավելի համեղ կլինեին։
 +
 +
― Լավ է այսօր ուտենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, և Պիլարն իր խոշոր ձեռքը դրեց նրա ուսին, այնտեղ, որտեղով ավտոմատի փոկն էր անցնում, հետո տարավ գլխին ու մատներով սկսեց մազերը խառնըշտկել։
 +
 +
― Ի՜նչ Ingles է, է՛հ, ― ասաց։ ― Հենց որ պատրաստ լինի, puchero֊ն<ref>Միս տապակելու կավե աման (իսպ․):</ref> Մարիայի հետ կուղարկեմ։
 +
 +
Հեռավոր բարձունքներից եկող հրաձգության աղմուկը համարյա դադարել էր, միայն մեկ֊մեկ, երկար ընդմիջումներից հետո, առանձին կրակոցներ էին լսվում։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, վե՞րջ, ― հարցրեց Պիլարը։
 +
 +
― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հրաձգությունից դատելով՝ հարձակումը ետ մղվեց։ Ֆաշիստներն հիմա շրջապատել են նրանց, մտել դիրքերը և սպասում են ինքնաթիռներին։
 +
 +
Պիլարը դարձավ Պրիմիտիվոյին։
 +
 +
― Լսի՛ր, դու գոնե հասկացա՞ր, որ քեզ վիրավորելու մտադրություն չեմ ունեցել ես։
 +
 +
― Ya lo se,<ref>Ես դա գիտեմ (իսպ․):</ref> ― ասաց Պրիմիտիվոն։ ― Շատ ավելի վատ խոսքեր եմ լսել ես քեզանից։ Գարշելի լեզու ունես։ Բայց, կի՛ն, բերանիդ չափն իմացիր։ Սորդոն եղել է իմ լավ ընկերը։
 +
 +
― Իսկ իմը, չէ՞, ― հարցրեց Պիլարը։ ― Լսի՛ր, տափակ երես։ Պատերազմի ժամանակ դժվար է ասել, թե ինչ ես զգում։ Մեր ցավը մեզ հերիք է, Սորդոյինն էլ չշալակենք։
 +
 +
Պրիմիտիվոն մնում էր տակավին մռայլված։
 +
 +
― Լավ կանես դեղ խմես, ― ասաց Պիլարը նրան։ ― Ես գնամ ճաշը պատրաստեմ։
 +
 +
― Այդ requete֊ի փաստաթղթերը բերե՞լ ես, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Ա՛յ թե հիմարն եմ, ― ասաց Պիլարը։ ― Մոռացել եմ։ Մարիայի հետ կուղարկեմ։
 +
 +
 +
==Գլուխ քսանվեցերորդ==
 +
 +
Ցերեկվա ժամը երեքն էր, ինքնաթիռները դեռ չէին երևում։ Կեսօրին ձյունը լրիվ հալվել էր, արևը տաքացրել էր քարերը։ Երկնքում ամպեր չկային, և Ռոբերտ Ջորդանը նստեց քարերի մեջ, շապիկը հանեց, մեջքը շրջեց արևին ու սկսեց սպանված ձիավարի գրպանից հանված նամակներն ընթերցել։ Մերթ ընդ մերթ ընդհատում էր ընթերցանությունը և նայում էր բացատից այն կողմ՝ անտառին, լեռնապարին, հետո վերստին շարունակում էր կարդալ։ Հեծելազորը այլևս չէր երևացել։ Երբեմն֊երբեմն կրակոցներ էին լսվում Էլ Սորդոյի ճամբարի կողմից։ Բայց հրաձգությունն արդեն պատահական բնույթ էր կրում։
 +
 +
Զինվորական փաստաթղթերն ստուգելիս նա իմացավ, որ տղան Տաֆալայից է եղել, նավառեցի, քսանմեկ տարեկան, ամուրի, դարբնի որդի։ Երբ կարդաց, որ հեծելազորային «N» գնդից է, զարմացավ, որովհետև կարծում էր, որ այդ գունդը հյուսիսում է։ Կարլիստ էր և պատերազմի սկզբին վիրավորվել էր Իրունի համար մղվող մարտերի ժամանակ։
 +
 +
Երևի տեսած կլինեմ Պամպլոնայում, Feri֊այի ժամանակ, երբ ցուլերի առաջն ընկած ամբոխի հետ անցել է փողոցներով, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Պատերազմի ժամանակ նրան չես սպանում, ում կուզեիր, ասաց ինքն իրեն։ Այսինքն, մեծ մասամբ, և ուղղվեց ու սկսեց նամակները կարդալ։
 +
 +
Ընթերցած առաջին նամակները շատ հանդիսավոր էին, խնամքով գրված և գրեթե սոսկ տեղական դեպքերին էին վերաբերում։ Քույրն էր գրել։ Ռոբերտ Ջորդանն այդ նամակներից իմացավ, որ Տաֆալայում ամեն ինչ կարգին է, հայրը լավ է, մայրը այնպես է, ինչպես միշտ, միայն երբեմն մեջքից է բողոքում, և հույս ունի, որ եղբայրը նույնպես լավ է, իսկ ինքը երջանիկ է, որ նա կռվում է կարմիրների դեմ՝ մարքսիստական հորդաների տիրապետությունից Իսպանիան ազատագրելու համար։ Վերջում մի ամբողջ ցուցակ էր բերել նախորդ նամակից հետո զոհված ու ծանր վիրավորված տաֆալացի տղաների։ Տասը հոգի սպանվել էին։ Տաֆալայի նման փոքրիկ մի գյուղաքաղաքի համար դա մեծ թիվ է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Նամակը փոքր֊ինչ շատ էր կրոնաբույր․ քույրը գրում էր, թե ինքն աղոթում է սուրբ Անտոնիուսին, Պիլարի օրհնյալ կույսին, մյուս կույսերին, որպեսզի պահպանեն եղբորը, և հորդորում էր նրան, որպեսզի երբեք չմոռանա, որ Հիսուսի սուրբ սիրտը միշտ էլ պահապան է լինելու իրեն՝ քանի կպցված է կրծքին, իր սրտի վրա, չէ՞ որ ապացուցված է բազմաթիվ օրինակներով (այս բառերն ընդգծված էին), որ սուրբ նշանը խափանում է գնդակները։ Ինչպես միշտ նա մնում էր իրեն սիրող քույրը՝ Կոնչան։
 +
 +
Նամակի եզրերը մի փոքր քրքրված էին, Ռոբերտ Ջորդանն այն նորից դրեց զինվորական փաստաթղթերի հետ և մի այլ նամակ բացեց, նվազ փութաջան ձեռագրով։ Տղայի novia֊յից էր, նշանածից։ Այդ նամակի ոճն էլ ծանր էր ու հանդիսավոր, բայց և մեծ տագնապ էր պարունակում երիտասարդի բախտի համար։ Ռոբերտ Ջորդանը դա էլ կարդաց, ծալեց, հետո բոլոր նամակներն ու փաստաթղթերը դրեց շալվարի ետևի գրպանը։ Մյուս նամակները չուզեց կարդալ։
 +
 +
Կարծում եմ, որ մի բարի գործ կատարել եմ այսօր, ասաց ինքն իրեն։ Կարծում եմ, որ կատարել եմ, այո, կրկնեց նա։
 +
 +
― Այդ ի՞նչ էիր կարդում, ― հարցրեց Պրիմիտիվոն։
 +
 +
― Առավոտվա ձիավորի փաստաթղթերն ու նամակները։ Ուզո՞ւմ ես, վերցրո՛ւ։
 +
 +
― Կարդալ չգիտեմ, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Հետաքրքիր բան կա՞ր։
 +
 +
― Չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Անձնական նամակներ են։
 +
 +
― Ո՞նց են գործերն այնտեղ, որտեղից որ եկել է։ Ի՞նչ են գրում։
 +
 +
― Ոնց որ լավ են, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իրենց գյուղաքաղաքից բավական շատ զոհվածներ կան։ ― Նայեց ցած, գնդացրի քողարկմանը, որ ձյան հալվելուց հետո մի փոքր փոփոխված էր երևում։ Հիմա տեսքն ավելի բնական էր։ Նայեց շուրջբոլորը։
 +
 +
― Ո՞ր քաղաքից է, ― հարցրեց Պրիմիտիվոն։
 +
 +
― Տաֆալայից, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Այո, ասաց ինքն իրեն, ցավում եմ, եթե իմ ցավելը կարող է մեկն ու մեկին օգնել։
 +
 +
Չի կարող, ասաց ինքն իրեն։
 +
 +
Ուրեմն, վերջ տուր, ասաց ինքն իրեն։
 +
 +
Լավ, վերջ տվեցի։
 +
 +
Բայց այդքան հեշտությամբ վերջ տալ չէր լինում։ Քանի՞ հոգի սպանած կլինես, հարցրեց ինքն իրեն։ Չգիտեմ։ Մի՞թե կարծում ես, որ դու սպանելու իրավունք ունես։ Ոչ։ Բայց պարտավոր եմ։ Սպանածներիցդ քանիսն էին իսկական ֆաշիստ։ Շատ քչերը։ Բայց բոլորն էլ եղել են թշնամիներ, մենք ուժին ուժ ենք հակադրել։ Բայց նավառացիներին դու ավելի ես սիրում, քան Իսպանիայի որևէ այլ վայրի բնակիչների։ Այո։ Եվ սպանում եմ նրանց։ Այո։ Թե չես հավատում, գնա ճամբար ու տես։ Դու չգիտե՞ս, որ սպանելը վատ բան է։ Գիտեմ։ Բայց սպանում ես։ Այո։ Եվ տակավին համոզված ես, որ ձեր գործն արդա՞ր է։ Այո։
 +
 +
Արդար է, ասաց ինքն իրեն, և ասաց ոչ թե ինքնահանգստացման համար, այլ հպարտությամբ։ Ես հավատում եմ ժողովրդին, հավատում եմ, որ նա իրավունք ունի կառավարելու իրեն այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Բայց սպանություններին պետք չէ կողմ լինես, ասաց ինքն իրեն։ Պետք է սպանել միայն անհրաժեշտության պարագային՝ երբեք կողմ չլինելով։ Եթե սպանություններին կողմ եղար, ուրեմն այդ գործը սխալ է։
 +
 +
Բայց ի՞նչ ես կարծում, քանի՞ հոգի սպանած կլինես։ Չգիտեմ, որովհետև հաշիվը չեմ պահում։ Բայց, այնուամենայնիվ, գիտե՞ս։ Այո։ Քանի՞ հոգի։ Հաստատ չեմ կարող ասել քանի։ Գնացքներ պայթեցնելիս շատ եմ սպանել։ Շատ շատ, բայց թե քանի՞ հոգի, հաստատ չեմ կարող ասել։ Քսանից ավելի։ Իսկ դրանցից քանի՞սն են իսկական ֆաշիստ եղել։ Երկուսը հաստատ գիտեմ։ Որովհետև ինքս եմ գնդակահարել, երբ գերի վերցրեցինք Ուսերայում։ Եվ դժկամությա՞մբ արեցիր այդ բանը։ Ոչ։ Հաճույքո՞վ։ Ոչ։ Եվ որոշեցի այլևս երբեք չանել այդ բանը։ Ու այդ օրվանից խուսափեցի դրանից։ Ես միշտ խուսափել եմ անզեն մարդկանց սպանելուց։
 +
 +
Լսի՛ր, ասաց ինքն իրեն։ Վերջ տուր այս ամենին։ Սա շատ վնասակար է և՛ քեզ համար, և՛ քո գործի։ Հետո դարձյալ ասաց ինքն իրեն․ լսո՞ւմ ես, դու շատ լուրջ գործ ես անում, դրա համար էլ ես ուզում եմ ամեն առիթով համոզվել, որ դու հասկանում ես դա։ Ես ուզում եմ, որ քո ուղեղում ամեն ինչ հստակ լինի։ Որովհետև, եթե այս ամենը բացարձակապես հստակ չլինի քո ուղեղում, դու իրավունք չունես անելու այն, ինչ անում ես, քանի որ քո յուրաքանչյուր արարքը ոճիր է, և ոչ ոք իրավունք չունի մեկ ուրիշի կյանքը խլելու, եթե դա անհրաժեշտ չէ այլ մարդկանց սպառնացող չարիքները կանխելու համար։ Այո, ամեն ինչ պարզ պետք է լինի, հստակ, և ինքդ քեզ մի խաբիր։
 +
 +
Բայց սպանվածների հաշիվը ո՛չ ռազմական ավարի ցուցակների տեսքով կպահեմ, ո՛չ էլ հրացանիս կոթին խազեր քաշելու այդ զզվելի գործով կզբաղվեմ։ Իսկ սպանածներիս հաշիվը չպահելու իրավունքը ես ունեմ, ունեմ նաև մոռանալու իրավունք։
 +
 +
Ո՛չ, ասաց ինքն իրեն։ Դու ոչ մի բան մոռանալու իրավունք չունես։ Դու իրավունք չունես ոչ մի բանի վրա աչք փակելու, ո՛չ մոռանալու իրավունք ունես, ո՛չ մեղմացնելու, ո՛չ փոփոխելու։
 +
 +
Լռի՛ր, ասաց ինքն իրեն։ Դառնում ես ահավոր ճոռոմ։
 +
 +
Ոչ էլ խաբելու ինքդ քեզ, շարունակեց նա։
 +
 +
Լավ, ասաց ինքն իրեն։ Շնորհակալություն բոլոր բարի խորհուրդների համար, իսկ այն, որ սիրում եմ Մարիային, լա՞վ է։
 +
 +
Այո՛, ասաց ինքն իրեն։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ, համաձայն հասարակության մասին զուտ մատերիալիստական հայացքի, սեր գոյություն չունի։
 +
 +
Բայց դու ի՞նչ կապ ունես նման հայացքի հետ, հարցրեց ինքն իրեն։ Ոչ մի։ Եվ երբեք էլ չես ունենա։ Դու իսկական մարքսիստ չես և դու գիտես դա։ Դու հավատում ես Ազատության, Հավասարության և Եղբայրության։ Դու հավատում ես Կյանքին, Ազատության և երջանկության իրավունքին։ Շատ մի՛ փքվիր դիալեկտիկայի քո գիտելիքներով։ Դա ուրիշների համար է, ոչ թե քո։ Դու պետք է իմանաս դրանք, որպեսզի ծծկեր երեխա չհամարեն քեզ։ Դու շատ բաներ մի կողմ ես դրել, սոսկ մի նպատակի համար՝ պատերազմը շահելու։ Եթե այս պատերազմը տանուլ տանք, ամեն ինչ տանուլ կտանք։
 +
 +
Հետագայում կարող ես մի կողմ գցել այն ամենը, ինչին չես հավատում։ Շատ բաներ կան, որոնց չես հավատում, և կան շատ բաներ, որոնց հավատում ես։
 +
 +
Եվս մի բան։ Ձեռ չառնես սերը։ Իմացի՛ր, շատ մարդկանց բախտը չի ժպտում երբևէ սիրելու և սիրվելու։ Քեզ էլ առաջին անգամ է պատահել։ Քո և Մարիայի միջև եղածը, թեկուզ եթե միայն այսօր ու վաղը լինի, կամ լինի նույնիսկ երկար տարիներ, ամենակարևոր բանն է, որ կարող է հանդիպել մարդ արարածի կյանքում։ Միշտ էլ կլինեն մարդիկ, որ կասեն, թե դա գոյություն չունի, կասեն, որովհետև իրենք չեն ճաշակել այդ։ Բայց ես ասում եմ քեզ, որ դա ճշմարիտ է, որ դու ճաշակեցիր այդ և դու երջանիկ ես, եթե նույնիսկ մեռնես վաղը։
 +
 +
Բավական է շաղակրատես մահվան մասին, ասաց ինքն իրեն։ Դա մեր ոճը չէ։ Այդ ոճով մեր անարխիստ ընկերներն են խոսում։ Հենց որ գործերն սկսում են վատանալ, մտածում են կրակ տալ մի բանի և մեռնել։ Արտառոց մտածելակերպ է։ Շատ արտառոց։ Դե լավ, ծերուկ, այս օրն էլ ենք կարծես մթնեցնելու, ասաց ինքն իրեն։ Արդեն ժամը երեքն է դառնում, շուտով ճաշը կբերեն։ Սորդոյի մոտ դեռ կրակում են, նշանակում է պաշարել են ու սպասում են նոր ուժերի։ Հավանաբար։ Դե մինչև մութն ընկնելը պիտի վերջացնեն։
 +
 +
Տեսնես ի՞նչ է կատարվում Սորդոյի մոտ։ Նույնը, ինչ մեզ մոտ է լինելու շուտով։ Կարծում եմ, որ շատ էլ ուրախ չի հիմա այնտեղ։ Այ թե խաղի բերեցինք Սորդոյին այդ ձիերի պատմությունով։ Իսպաներեն ո՞նց կասեին։ Un callejon sin salida: Փակուղի։ Կարծում եմ, որ ես դուրս կգայի։ Պիտի պարզապես վերցնես ու անես, և կլինի։ Բայց ինչ շքեղություն է, երբ պատերազմի ժամանակ պաշարման մեջ գտնվողները կարող են անձնատուր լինել։ Estamos capados: Պաշարված ենք։ Այս պատերազմում ամենից ավելի խուճապ պարունակող ճիչը սա է եղել։ Դրանից հետո գնդակահարվում ես։ Եթե, իհարկե, բախտդ բերեց ու ավելի վատ բան չեղավ։ Սորդոյի բախտը չբերեց։ Ոչ էլ սրանցը կբերի, երբ ժամանակը գա։
 +
 +
Ժամը երեքն է։ Լսեց հեռու֊հեռվից եկող մի հռնդյուն, նայեց վերև ու տեսավ ինքնաթիռները։
 +
 +
 +
==Գլուխ քսանյոթերորդ==
 +
 +
Էլ Սորդոն մարտն ընդունում էր բլրի գագաթին։ Դուր չէր գալիս նրան այդ բլուրը, շանկրի տպավորություն էր թողնում վրան։ Բայց այլ ընտրության հնարավորություն չէր ունեցել, և տակավին հեռվից նկատելով այն՝ քառատրոփ սկսել էր սուրալ լանջն ի վեր՝ գնդացիրը ձիու գավակին, փողի ծանրությունն ընկած ազդրի վրա, մի կողմից նռնակների, մյուսից՝ գնդացրի սկավառակների պարկերը կախած։ Էլ Սորդոն արագ֊արագ խթանում էր ձին, իսկ Խոակինն ու Իգնասիոն մերթընդմերթ կանգ էին առնում, կրակում, որպեսզի նա կարողանա գնդացիրը տեղ հասցնել։
 +
 +
Ձյունը դեռ չէր հալվել, ձյունը, որ իրենց կործանման պատճառն էր դարձել։ Ձին խփվեց և երբ կենդանին հևասպառ, թեթևակի ցնցումներով շարունակեց բարձրանալ դեպի գագաթը տանող վերջին հատվածը, ցրքտելով ձյան փայփլուն շիթերը, Սորդոն երասանը գցեց ուսն ու սկսեց քարշ տալ ձին դեպի վեր։ Բարձրանում էր ուժերի ամբողջ լարումով՝ տեղացող գնդակների տարափի տակ, երկու ծանր պարկերն ուսերին։ Երկու ժայռի արանքում բռնեց ձիու բաշն ու արագ, վարպետորեն կրակեց, ձին ընկավ հենց այդտեղ, գլուխը դեպի ստորոտը ու փակեց ժայռերի միջև ընկած տարածությունը։ Սորդոն գնդացիրը տեղավորեց ձիու ետևն ու երկու սկավառակ կրակեց։ Դատարկ պարկուճները թափվում էին ձյան վրա։ Գնդացրի տաքացած փողը նստած էր ձիու մեջքին և այրվող մազի հոտ էր գալիս, և նա կրակում էր յուրաքանչյուր բլուր բարձրացողի վրա, ստիպելով թաքնվել և այդ ամբողջ ժամանակամիջոցում սարսուռ էր զգում թիկունքում, որովհետև չգիտեր, թե ինչ է կատարվում այնտեղ։ Երբ իր հինգ մարդկանցից վերջինն էլ հասավ բլրի գագաթը, սարսուռն անցավ, և կրակելն ընդհատեց, որպեսզի խնայի փամփուշտները։
 +
 +
Երկու ձի խփվել էին բլրի լանջին, երեքը՝ այստեղ, գագաթին։ Երեկ գիշեր միայն երեք ձի էին կարողացել փախցնել, որոնցից մեկն այս առավոտյան փախել էր, երբ հրաձգությունն էր սկսվել ու տղաներից մեկը փորձել էր առանց թամբելու հեծնել։
 +
 +
Գագաթ հասած հինգ հոգուց երեքը վիրավոր էին։ Սորդոյի մի վերքը սրունքի ձկնամկանի վրա էր, երկուսը ձախ թևին էին։ Արյունահոսությունը դադարել էր, թևի մի վերքը շատ էր ցավում։ Ծարավից տանջվում էր։ Մի անտանելի գլխացավ էր բռնել ու, սպասելով ինքնաթիռներին, իսպանական մի կատակ հիշեց․ «Hay que tomar la muerte como si fuera aspirina», որ նշանակում էր՝ «Ասպիրինի պես կընդունես մահը»։ Բայց բարձրաձայն չասաց այդ կատակը։ Քմծիծաղեց տանջող գլխացավից ու ամեն մի շարժումից ներսը տակնուվրա անող թևի վերքի ցավից կնճռոտվելով և նայեց շուրջը՝ խմբից ետ մնացած տղաներին։
 +
 +
Հինգ հոգի էին, դիրքավորվել էին հինգթևանի աստղի նմանությամբ։ Ծնկներով ու ձեռքերով փորում էին գետինը, հողից ու քարերից թմբիկներ սարքում, որպեսզի գլուխն ու ուսերը պատսպարեն։ Երբ ամեն մեկն իր թմբիկը պատրաստել էր, սկսեցին դրանց արանքներում քարեր ու հող լցնել։ Տասնութամյա Խոակինը պողպատյա մի սաղավարտ էր ձեռք գցել, դրանով փորում էր ու հողը փոխանցում մյուսներին։
 +
 +
Սաղավարտը ձեռք էր բերել գնացքի պայթեցման ժամանակ։ Փամփուշտից առաջացած ծակ կար վրան, նրան միշտ ձեռ էին առել, որ դեն չի գցում այն։ Բայց նա մուրճով հարթեցրել էր ծակի շուրջ գոյացած սուր ցցվածքները, ծակի մեջ փայտ խրել և սաղավարտի հարթությամբ կտրել էր այն։
 +
 +
Երբ հրաձգությունը սկսվեց, նա այնպիսի թափով սաղավարտը քաշեց գլխին, որ թվաց, թե կաթսայով հարվածեցին գանգին։ Ձին խփվեց և Խոակինը վազեց շնչակտուր, ոտներն հազիվ քարշ տալով, բերանը չորացած, գնդակների տարափի, սուլոցի, պայթյունների տակ, իսկ սաղավարտն ահավոր ծանրությամբ ճնշում էր գլխին ու երկաթյա շիկացած օղակի նման սեղմում ճակատը։ Բայց նա չհանեց այն ու դեն չգցեց։ Հիմա դրանով փորում էր, փորում էր մեքենայի նման՝ անդուլ ու միալար։ Դեռ չէր վիրավորվել։
 +
 +
― Վերջապես մի բանի ծառայեց, ― ասաց Սորդոն իր թավ, խռպոտ ձայնով։
 +
 +
― Resistir y fortificar es vencer, ― ասաց Խոակինը թուքը բերանի մեջ ավելի շուտ վախից, քան մարտի ժամանակ սովորաբար զգացվող ծարավից չորացած։ Կոմունիստական կուսակցության լոզունգներից էր և նշանակում էր՝ դիմադրիր ու ամրություն ստեղծիր, և կհաղթես։
 +
 +
Սորդոն նայեց շուրջը, զառիթափին, որտեղից մի ձիավոր, գլաքարի ետևը թաք մտած, պատրաստվում էր կրակելու։ Սորդոն շատ էր սիրում տղային, բայց այս պահին լոզունգներ լսելու տրամադրություն չուներ։
 +
 +
― Ի՞նչ ասացիր, ― հարցրեց մեկը, թողնելով խրամատավորման աշխատանքը։ Նա պառկած էր երեսնիվայր, կզակը գետնին, և ձեռքերով մի քար էր տեղավորում։ Խոակինը, առանց մի պահ իսկ դադարեցնելու փորելը, պատանու առնականացող ձայնով կրկնեց լոզունգը։
 +
 +
― Վերջին բառն ի՞նչ էր, ― հարցրեց նույն պարտիզանը կզակը գետնին հպած։
 +
 +
― Vencer, ― ասաց տղան։ ― Կհաղթես։
 +
 +
― Mierda,<ref>Կղկղանք (իսպ․)։</ref> ― ասաց կզակը գետնին հպած պարտիզանը։
 +
 +
― Բայց մի լոզունգ կա, որ ավելի հարմար է այս պարագայի համար, ― ասաց Խոակինը, թալիսմանների նման մեջտեղ հանելով դրանք։ ― Պասիոնարիան ասում է՝ ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել։
 +
 +
― Դարձյալ mierda, ― ասաց նույն պարտիզանը, իսկ մի ուրիշը նրա թիկունքից ավելացրեց։ ― Մենք ոչ թե ծնկաչոք ենք, այլ փորի վրա։
 +
 +
― Լսի՛ր, դո՛ւ, կոմունիստ։ Գիտե՞ս, որ քո Պասիոնարիան քո տարիքի տղա ունի, որը պատերազմի սկզբից մինչև օրս Ռուսաստանում է։
 +
 +
― Սուտ է, ― ասաց Խոակինը։
 +
 +
― Que va, սուտ է, ― ասաց մյուսը։ ― Այն տարօրինակ անունով դինամիտավորն է ինձ ասել։ Նա էլ ձեր կուսակցությունից էր։ Ինչո՞ւ պետք է ստեր։
 +
 +
― Սուտ է, ― ասաց Խոակինը։ ― Պասիոնարիան այդպիսի բան չէր անի, նա իր տղային Ռուսաստանում չէր թաքցնի, երբ այստեղ կռիվ է։
 +
 +
― Ես կուզեի Ռուսաստանում լինել, ― ասաց Սորդոյի տղաներից մեկը։ ― Քո այդ Պասիոնարիան ինձ Ռուսաստան չի՞ ուղարկի հիմա, կոմունիստ։
 +
 +
― Եթե դու այդքան հավատում ես քո Պասիոնարիային, մի բան արա՝ թող գա մեզ այստեղից պրծացնի, ― ասաց վիրակապած ազդրով մի պարտիզան։
 +
 +
― Ֆաշիստները ուր որ է կանեն դա, ― ասաց կզակը գետնին հպած մարդը։
 +
 +
― Այդպես մի՛ խոսիր, ― ասաց Խոակինը։
 +
 +
― Շրթունքներիդ վրայից մորդ կրծքի կաթը սրբիր ու ինձ հող տուր քո այդ սաղավարտով, ― ասաց կզակը գետնին մարդը։ ― Մեզնից ոչ մեկն այսօր արևի մայր մտնելը չի տեսնի։
 +
 +
Էլ Սորդոն մտածում էր․ այս բլուրը ոնց որ շանկր լինի։ Կամ էլ դեռատի աղջկա կուրծք, հարթ պտուկով։ Կամ էլ հրաբխի խառնարան։ Դու հրաբուխ չես տեսել, մտածեց նա։ Ոչ էլ երբևէ կտեսնես։ Իսկ այս բլուրը շանկրի է նման։ Հրաբուխն հանգիստ թող։ Հրաբխի մասին մտածելն արդեն ուշ է։
 +
 +
Ձիու վզակոթի վրայով շատ զգուշորեն նայեց շուրջը, ներքևից, մի գլաքարի ետևից գնդացիրն սկսեց կրակել, նա լսում էր ձիու մարմնի մեջ խրվող փամփուշտների ձայնը։ Սորդոն սողալով անցավ ձիու և ժայռի արանքում գոյացած բացվածքի դիմացն ու շարունակեց նայել այդտեղից։ Իրենից մի փոքր ներքև, զառիթափի վրա երեք դիակ կար։ Դրանք ընկել էին, երբ ֆաշիստների գնդացրի կրակի ծածկույթի տակ փորձել էին գրավել բարձունքը, բայց Սորդոն ու մյուսները նռնակներով և կրակոցներով ետ էին մղել գրոհը։ Բլրի գագաթի մյուս կողմում էլ դիակներ կային, բայց այդտեղից չէին երևում։ Չորսբոլորը բաց էր, հնարավոր չէր ինչ֊որ բանի ետևում պատսպարվելով հասնել գագաթը, և Սորդոն գիտեր, որ քանի իր չորս տղաները կենդանի են ու զինամթերքը չի վերջացել, չեն կարող իրեն դուրս մղել այդտեղից, եթե, անշուշտ, ականանետ չբերեն։ Չգիտեր, գուցե գնացել են Լա Գրանխայից ականանետ բերելու։ Գուցեև  ոչ, բայց շատ շուտով, և նա կարող էր հաստատորեն ասել դա, ինքնաթիռները կգան, որովհետև իրենց գլխավերևում հետախույզ ինքնաթռի թռիչքից հետո արդեն չորս ժամ էր անցել։
 +
 +
Այս բոլորը իսկապես որ շանկրի նման է, մտածեց Սորդոն, մենք էլ դրա ամենաթարախային մասն ենք։ Բայց լավ կոտորեցինք դրանց, երբ հիմարաբար փորձեցին գրոհով գրավել բարձունքը։ Տեսնես ինչի՞ վրա էին հույսները դրել։ Երևի իրենց նորագույն զենքերի՞։ Գլուխներն հակած վազելով բարձրացող զինվորներին գրոհի տանող երիտասարդ սպան սպանվել էր, երբ զառիթափով գլորված իր նռնակը պայթել էր։ Նռնակի պայթյունից առաջացած թնդյունի և դեղին ծխի մեջ Սորդոն տեսել էր փուլ եկած սպային, որն հիմա պառկել էր այդտեղ՝ հնացած շորերի ծանր ծրարի նման, որից այս կողմ ոչ ոքի չհաջողվեց անցնել։ Սորդոն նայեց այդ դիակին, հետո ավելի ցած՝ մյուս ընկածներին։
 +
 +
Քաջ մարդիկ են, բայց հիմար են, մտածեց նա։ Սակայն երևի արդեն գիտակցեցին, որ իմաստ չունի գրոհելը մինչև ինքնաթիռների գալը կամ ականանետ բերելը։ Հենց ականանետը բերեցին, վերջ։ Բայց լավ է ականանետ լինի, ավելի բնական է, քան ինքնաթիռը։ Երբ մտածեց, որ կարող են ինքնաթիռներ գալ, այնպիսի մի զգացողություն ունեցավ, կարծես մերկացած կանգնել էր բլրի գագաթին, և ոչ միայն հագուստներն էին հանված, այլև մաշկն էին քերթել։ Հազիվ թե մեկն ու մեկն իրեն ավելի մերկ զգա, քան ես եմ զգում, մտածեց նա։ Մաշկած նապաստակը, եթե ինձ հետ համեմատես, արջի մորթի հագած կթվա։ Բայց ինչո՞ւ պիտի ինքնաթիռներ գան։ Ականանետով էլ կարող են հեշտությամբ մեր վերջը տալ։ Բայց շատ են պարծենում իրենց ինքնաթիռներով, այնպես որ հավանական է բերել տան։ Ոնց որ իրենց ավտոմատ հրացաններով պարծենալով այդպիսի հիմար գրոհ ձեռնարկեցին։ Բայց անկասկած ուղարկած կլինեն մեկին, որպեսզի ականանետ բերեն։
 +
 +
Տղաներից մեկը կրակեց։ Հետո քաշեց փակաղակն ու շտապ մեկ էլ կրակեց։
 +
 +
― Փամփուշները խնայիր, ― ասաց Սորդոն։
 +
 +
― Պոռնկի ծնունդը սողալով գալիս էր դեպի այդ քարը, ― մատով ցույց տվեց նա։
 +
 +
― Խփեցի՞ր, ― հարցրեց Սորդոն՝ դժվարությամբ շրջելով գլուխը։
 +
 +
― Ոչ, ― ասաց պարտիզանը։ ― Բիճը քարի ետևն անցավ։
 +
 +
― Այդ Պիլարը պոռնիկներից ամենապոռնիկն է, ― ասաց ծնոտը գետնին հպած տղամարդը։ ― Այդ պոռնիկը գիտի, որ մենք այստեղ մեռնում ենք։
 +
 +
― Նա մեզ չի կարող օգնել, ― ասաց Սորդոն՝ առանց գլուխը շրջելու։ Խոսողը նրա առողջ ականջի կողմն էր, և նա լսել էր նրա ասածը։ ― Ի՞նչ կարող է անել։
 +
 +
― Թիկունքից խփի այս քածերին։
 +
 +
― Que va, ― ասաց Սորդոն։ ― Նրանք սփռվել են հիմա բլրի շուրջը։ Պիլարը ո՞նց կարող է թիկունքից գալ։ Հարյուր հիսուն հոգի կլինեն այստեղ։ Հիմա կարող է ավելի էլ լինեն։
 +
 +
― Եթե կարողանանք մինչև մութն ընկնելը դիմանալ, ― ասաց Խոակինը։
 +
 +
― Եթե Ծնունդն էլ Զատկին լինի, ― ասաց ծնոտը գետնին հպած մարդը։
 +
 +
― Եթե մորաքույրդ էլ cojones ունենար, քեռի կլիներ, ― ասաց մեկ ուրիշը։ ― Պասիոնարիայիդ իմաց արա։ Միայն նա կարող է մեզ օգնել։
 +
 +
― Ես չեմ հավատում նրա տղայի մասին ասածներիդ, ― ասաց Խոակինը։ ― Իսկ եթե այնտեղ է, ուրեմն օդաչուություն է սովորում կամ էլ նման մի բան։
 +
 +
― Թաքնվել է, որպեսզի ապահով լինի, ― ասաց նույն մարդը։
 +
 +
― Դիալեկտիկա է ուսումնասիրում։ Քո Պասիոնարիան էլ այնտեղ է եղել։ Լիստերն էլ, Մոդեստոն էլ, ուրիշներն էլ։ Տարօրինակ անունով մարդն ինձ ասաց։
 +
 +
― Թող գնան սովորեն, հետո կվերադառնան ու կօգնեն մեզ, ― ասաց Խոակինը։
 +
 +
― Թող հիմա օգնեն, ― ասաց մեկ ուրիշը։ ― Թող այդ ծծկեր խաբեբաները հիմա օգնեն։ ― Կրակեց ու, ― Me cago en tal: Նորից վրիպեցի, ― ասաց։
 +
 +
― Փամփուշտներդ խնայիր ու այդքան շատ մի խոսիր, թե չէ կծարավես, ― ասաց Սորդոն։ ― Այս բլրի վրա ջուր չկա։
 +
 +
― Վերցրո՛ւ, ― ասաց խոսողն ու շրջվելով հանեց ուսից կախած գինու կաշեշիշը և մեկնեց Սորդոյին։ ― Ողողի՛ր բերանդ, ծերուկ։ Դու շատ ծարաված կլինես, վիրավոր ես։
 +
 +
― Տուր բոլորն էլ թող խմեն, ― ասաց Սորդոն։
 +
 +
― Որ այդպես է, առաջինը ես խմեմ, ― ասաց կաշեշշի տերը, մի լավ ումպ արեց ու փոխանցեց կողքինին։
 +
 +
― Սորդո, ի՞նչ ես կարծում, ինքնաթիռները երն կգան, ― հարցրեց ծնոտը գետնին հպած մարդը։
 +
 +
― Հիմա, ուր որ է, ― ասաց Սորդոն։ ― Պետք է արդեն եկած լինեին։
 +
 +
Ի՞նչ ես կարծում, այս պոռնիկի ծնունդները էլի կգրոհե՞ն։
 +
 +
― Միայն այն դեպքում, եթե ինքնաթիռները չգան։
 +
 +
Նա մտածեց, որ կարիք չկա ականանետի մասին խոսք բացելու։ Երբ որ բերեն, այն ժամանակ էլ թող իմանան։
 +
 +
― Աստված գիտի, թե ինչքան ինքնաթիռ ունեն, երեկ այդ ինչքա՜ն տեսանք։
 +
 +
― Շա՜տ շատ, ― ասաց Սորդոն։ Գլխացավը չէր անցնում, իսկ թևը փայտացել էր, և երբ շարժում էր, անտանելի ցավեր էր զգում։ Առողջ ձեռքով կաշվեշիշը տարավ բերանին, գլուխը բարձրացրեց դեպի ամառնամուտի փայլուն, բարձր, կապույտ երկինքը։ Հիսուներկու տարեկան էր, և հաստատ գիտեր, որ վերջին անգամ է տեսնում այս երկինքը։
 +
 +
Նա մեռնելուց չէր վախենում, նրան ցավ էր պատճառում այն, որ ընկել էր թակարդը և քաշվել էր այս բլրի բարձունքը, որտեղ մեռնելուց բացի ոչինչ կարելի չէ անել։ Եթե կարողանայինք ժամանակին ճեղքած լինել, մտածեց նա։ Եթե կարողանայինք քաշվել հովիտը կամ էլ ճեղքել֊անցնել ճանապարհի կողմը, ամեն ինչ կարգին կլիներ։ Բայց արի տես, որ այս բլրի վրա ենք, այս շանկրի։ Դե հիմա ինչքան կարող ենք, այնքան ժամանակ կօգտվենք այս բլրի հնարավորություններից, առայժմ որ շատ լավ ենք օգտվել։
 +
 +
Եթե նա նույնիսկ իմանար, թե պատմության ընթացքում քանի մարդ մեռնելու համար օգտվել է բլուրների ընձեռած հնարավորությունից, դա մխիթարություն չէր լինի, որովհետև ոչ մեկի համար էլ թեթևացում չէ մեկ ուրիշի նույնպես նման պայմաններում մեռած լինելը, այնպես, ինչպես հենց նոր այրիացած կնոջ վիշտը չի մեղմանում նրանից, որ ուրիշ սիրեցյալ ամուսիններ ևս մահացել են։ Այսպես թե այնպես, վախենաս թե չվախենաս մահից, դժվար է այդ մտքի հետ հաշտվելը։ Սորդոն հաշտվել էր, բայց ոչ հաճույքով, չնայած որ հիսուներկու տարեկան էր, երեք տեղից վիրավորված, իսկ բլուրը շրջապատված էր։
 +
 +
Մտովի ձեռ էր առնում ապրելու իր տենչը, բայց երբ նայում էր կապույտ երկնքին, հեռվում երևացող լեռներին ու խմում գինին, զգում էր, որ չի ուզում մեռնել։ Եթե մարդը պետք է մեռնի, իսկ դա կասկածից վեր է, մտածում էր նա, կարող եմ և մեռնել։ Բայց ատում եմ մահը։
 +
 +
Մեռնելը ոչինչ, ոչինչ չէր առաջացնում մեջը, ոչ մի պատկեր, ոչ իսկ վախ։ Մինչդեռ ապրելը, ապրելը սարալանջին քամուց օրորվող ցորենի անդաստան էր։ Ապրելը երկնքում սավառնող բազե էր։ Փոշով ու մղեղով բռնված կալում կավե կժի սառնորակ ջուր էր։ Ապրելը սրունքներիդ մեջ սեղմված ձիու լանջ էր, ազդրիդ հանգչող հրացան էր, բլուր էր, հովիտ էր, ծառերով եզերված գետակ էր և հովիտներից ու լեռներից դենն ընկած հեռաստաններ էր։
 +
 +
Սորդոն գինու կաշեշիշը վերադարձրեց տիրոջն ու գլխով շնորհակալություն հայտնեց։ Նա կռացավ և թփթփացրեց սպանված ձիու գավակը, այն մասը, որի վրա նստել էր գնդացրի փողը և այրվել։ Այրված ստեների հոտը տակավին զգացվում էր։ Նա հիշեց, թե ինչպես կանգնեցրեց ձիուն այդտեղ, ինչպես էր դողում կենդանին, ինչպես էին սուրում և կտկտում գնդակները՝ թռչելով իրենց վրայով ու կողքերով, իսկ իրենք կարծես վարագուրված լինեին, ինչպես վարպետորեն կրակեց ձիու ականջներն ու աչքերն հատող գծի կենտրոնին։ Հետո, երբ ձին ընկել էր, ինչպես ինքն իրեն գցեց նրա տաք, խոնավ մարմնի ետևը և քաշեց գնդացիրը, որովհետև ֆաշիստները բարձրանում էին իրենց հետքերով։
 +
 +
― Eras mucho caballo, ― ասաց նա, որ նշանակում էր՝ լավ ձի էիր։
 +
 +
Էլ Սորդոն այժմ պառկել էր իր առողջ կողի վրա և նայում էր վերև՝ երկնքին։ Նա պառկել էր դատարկ պարկուճների վրա, գլուխը պաշտպանված էր ժայռով, իսկ մարմինը՝ ձիու դիակով։ Վիրավոր ոտն ու ձեռը փայտացել էին և շատ ուժեղ ցավում էին, հոգնածությունից չէր ուզում շարժվել։
 +
 +
― Այդ ի՞նչ է կատարվում քեզ հետ, ծերուկ, ― հարցրեց կողքինը։
 +
 +
― Ոչինչ։ Մի փոքր հանգստանում եմ։
 +
 +
― Քնի՛ր, ― ասաց նույն մարդը։ ― Կզարթնեցնեն, երբ կսկսեն գալ։
 +
 +
Հենց այդ պահին զառիթափի ներքևից մեկը բղավեց․
 +
 +
― Լսե՛ք, բանդիտներ, ― ձայնը գալիս էր ժայռի ետևից, որտեղ զետեղված էր իրենց առավել մոտ գտնվող գնդացիրը։ ― Հանձնվե՛ք քանի դեռ ինքնաթիռները  կտոր֊կտոր չեն արել ձեզ։
 +
 +
― Ի՞նչ է ասում, ― հարցրեց Սորդոն։ Խոակինը կրկնեց։ Սորդոն սողալով նորից մոտեցավ գնդացրին։
 +
 +
― Գուցե ինքնաթիռները չգան, ― ասաց նա։ Մի՛ պատասխանեք, ոչ էլ կրակեք։ Գուցե նորից փորձեն գրոհել։
 +
 +
― Իսկ եթե մի փոքր հայհոյե՞նք, ― հարցրեց պարտիզանը, որը Խոակինին Պասիոնարիայի որդու մասին էր ասել։
 +
 +
― Կարիք չկա, ― ասաց Սորդոն։ Մեծ ատրճանակդ տուր ինձ։ Ո՞վ մեծ ատրճանակ ունի։
 +
 +
― Ահա։
 +
 +
― Տուր։ ― Սորդոն կանգնեց ծնկների վրա, վերցրեց ինը միլիմետրանոց «Ստարը» և կրակեց գետնին, սպանված ձիու կողքին և սպասեց, հետո տարբեր ընդմիջումներով, ևս չորս անգամ կրակեց։ Սպասեց, հաշվեց մինչև վաթսուն ու վերջին անգամ կրակեց սպանված ձիու մարմնին։ Քմծիծաղեց և ատրճանակը ետ տվեց տիրոջը։
 +
 +
― Փամփուշտ լցրու, ― ասաց շշնջալով, ― ու բոլորդ էլ լռեք, ոչ մեկը չկրակի։
 +
 +
― Bandidos! ― գոռաց ժայռի ետևի մարդը։
 +
 +
Բլրի գագաթից ոչ ոք ոչինչ չպատասխանեց։
 +
 +
― Bandidos! Հանձնվե՛ք, քանի դեռ հազար կտոր չենք արել։
 +
 +
― Կտցում են, ― ուրախ շշնջաց Սորդոն։
 +
 +
Նա ուշադիր հետևում էր։ Մի մարդ գլուխը բարձրացրեց ժայռերի ետևից։ Բլրի գագաթից ոչ մի կրակոց չեղավ, և մարդը նորից գլուխը ետ քաշեց։ Սորդոն ուշադիր հետևում էր ու սպասում, բայց ոչ մի ուրիշ բան տեղի չունեցավ։ Սորդոն նայեց տղաներին, բոլորն էլ իրենց դիրքերից հետևում էին, թե ինչ է կատարվում զառիթափի վրա։ Երբ տղաները նկատեցին, որ նա նայում էր իրենց, գլուխները տարուբերեցին։
 +
 +
― Ոչ մեկդ չշարժվեք, ― շշնջաց նա։
 +
 +
― Պոռնիկի ծնունդներ, ― լսվեց նորից ժայռերի ետևից։
 +
 +
― Կարմիր խոզեր։ Ծնողապիղծներ։
 +
 +
Սորդոն քմծիծաղեց։ Առողջ ականջը շրջել էր ձայնի կողմն ու լսում էր հայհոյանքները։ Սա ասպիրինից լավ է, մտածեց նա։ Տեսնես քանիսին կփռենք։ Կարո՞ղ են այդքան հիմար լինել։
 +
 +
Ձայնը նորից լռեց և երեք րոպե ոչինչ չէր լսվում ու ոչ մի շարժում չէր նկատվում։ Հետո հարյուր յարդ իրենցից ցած գտնվող գլաքարի ետևից սնայպերը բարձրացավ ու կրակեց։ Գնդակը կպավ մի ժայռաբեկորի և սուր վզզոցով թռավ մի կողմ։ Հետո Սորդոն տեսավ, որ կռացած, գրեթե երկու տակ եղած մի մարդ ժայռերի ետևից, որտեղ գնդացիրն էր զետեղված դուրս թռավ և իրեն գցեց գլաքարի ետևը, սնայպերի մոտ և անհետացավ։
 +
 +
Սորդոն նայեց շուրջբոլորը։ Նշաններով իրեն հասկացրին, որ բլրալանջի մյուս կողմերում շարժում չի նկատվում։ Սորդոն ուրախ ժպտաց ու գլուխը շարժեց։ Սա տասն անգամ ավելի լավ է, քան ասպիրինը, մտածեց նա և սպասեց, և այնքան երջանիկ էր, որքան կարող է լինել միայն որսին սպասող որսորդը։
 +
 +
Ներքևում գնդացրի մոտից գլաքարի ետևն եկած մարդը խոսում էր սնայպերի հետ։
 +
 +
― Դու հավատո՞ւմ ես դրան։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց սնայպերը։
 +
 +
― Տրամաբանական է, ― ասաց մարդը, որն սպա էր և այդ զորամասի հրամանատարը։ ― Պաշարված են։ Նրանց միայն մեռնել է մնում։
 +
 +
Սնայպերը չպատասխանեց։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, ― հարցրեց սպան։
 +
 +
― Ոչինչ, ― ասաց սնայպերը։
 +
 +
― Կրակոցներից հետո որևէ շարժում նկատե՞լ ես։
 +
 +
― Ոչ մի։
 +
 +
Սպան նայեց թևի ժամացույցին։ Ժամը երեքից տասը րոպե էր պակաս։
 +
 +
― Ինքնաթիռները պետք է գային մի ժամ առաջ, ― ասաց նա։ Այդ պահին մի ուրիշ սպա էլ իրեն գցեց գլաքարի ետևը։ Սնայպերը մի կողմ քաշվեց, որպեսզի նրան էլ տեղ անի։
 +
 +
― Լսի՛ր, Պակո, ― ասաց առաջին սպան։ ― Քեզ ի՞նչ է թվում։
 +
 +
Երկրորդ սպան հևում էր գնդացրի մոտից մինչև գլաքարը բլրալանջն ի վեր վազելուց։
 +
 +
― Ես կարծում եմ, որ սա ծուղակ է, ― ասաց նա։
 +
 +
― Իսկ եթե չէ՞։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչպիսի ծիծաղելի վիճակում կլինենք մենք մեռած մարդկանց պաշարած պառկած սպասելով։
 +
 +
― Մենք արդեն ծիծաղելիից ավելի վատ բան արեցինք, հենց քիչ առաջ, ― ասաց երկրորդ սպան։ ― Նայիր զառիթափին։
 +
 +
Նա նայեց վերև, զառիթափին և տեսավ բլրի գագաթի մոտ փռված դիակները։ Այդտեղից երևում էին բարձունքի ժայռերը, Սորդոյի ձիու մարմինն ու դեպի իրենց ցցված սմբակները, նոր փորված հողի կույտերը։
 +
 +
― Ականանետից լուր չկա՞, ― հարցրեց երկրորդ սպան։
 +
 +
― Մի ժամից կլինեն այստեղ։ Եթե ոչ ավելի շուտ։
 +
 +
― Ուրեմն սպասիր ականանետերին։ Ինչ հիմարություն որ արեցինք, արդեն բավական է։
 +
 +
― Bandidos, ― գոռաց հանկարծ առաջին սպան՝ կանգնելով ոտքերի վրա և գլուխը դուրս հանելով գլաքարի հետևից․ այդ դիրքում նրան բլրի գագաթը ավելի մոտիկ թվաց։ ― Կարմիր խոզե՛ր։ Վախկոտնե՛ր։
 +
 +
Երկրորդ սպան նայեց սնայպերին և գլուխը տարուբերեց։ Սնայպերը շրթունքները սեղմած նայեց շուրջը։
 +
 +
Առաջին սպան շարունակում էր կանգնած մնալ այդպես՝ գլուխը գլաքարից բարձր պահած, դողացող ձեռքը ատրճանակի կոթին։ Հայհոյանքներ էր տեղում դեպի բլրի գագաթը։ Ոչինչ տեղի չունեցավ։ Եվ նա դուրս եկավ գլաքարի ետևից ու ամբողջ հասակով մեկ կանգնած բաց տարածությունում նայեց բլրի գագաթին։
 +
 +
― Կրակե՛ք, վախկոտնե՛ր, եթե կենդանի եք, ― գոռաց նա։ ― Կրակե՛ք, ես չեմ վախենում կարմիրներից, ինչքան էլ շատ գաք պոռնիկների պոռնիկի փորից։
 +
 +
Վերջին հայհոյանքը բավական երկար էր, և սպայի երեսը գոռոցից կարմրել էր, երակները ուռել էին։
 +
 +
Երկրորդ սպան, որը նիհար, արևառ դեմքով, հանդարտ աչքերով, բարակ ու երկարավուն շրթներով, մազակալած փոս ընկած այտերով մի մարդ էր, նորից տարուբերեց գլուխը։ Այդ գոռացող սպան էր, որ սրանից քիչ առաջ հրամայել էր գրոհով առնել բլուրը։ Երիտասարդ լեյտենանտը, որն սպանված ընկել էր զառիթափի վրա, այս լեյտենանտի՝ Պակո Բեռենդոյի ամենալավ ընկերն էր եղել։ Սա հիմա լսում էր կապիտանին, որը բացահայտ մոլուցքի մեջ բղավոցով հայհոյում էր։
 +
 +
― Դրանք իմ քրոջն ու մորը գնդակահարած խոզերն են, ― ասաց կապիտանը։ Նա կարմրադեմ էր, խարտյաշ, անգլիական բեղերով և աչքերն ինչ֊որ տարօրինակ էին՝ բաց կապույտ, թարթիչները նույնպես բաց գույնի էին, և երբ նայում էիր աչքերին, թվում էր, թե անվերջ շարժվում են։ ― Կարմինե՛ր, ― գոռաց նա նորից, ― վախկոտնե՛ր, ― և դարձյալ սկսեց իր հայհոյանքները։
 +
 +
Նա հիմա բոլորովին ազատ֊համարձակ կանգնել էր բաց տարածությունում և, ուշադիր նշան բռնելով ատրճանակից, կրակում էր բլրի գագաթին երևացող միակ թիրախին՝ Սորդոյի ձիու դիակին։ Գնդակն ընկավ ձիուց տասնհինգ յարդ ցած և հողի փշուրներ ժայթքեցրեց։ Կապիտանը նորից կրակեց։ Գնդակը կպավ ժայռին ու մի կողմ թռավ։
 +
 +
Կապիտանը կանգնել էր այդտեղ ու նայում էր բլրի գագաթին։ Լեյտենանտ Բեռենդոն նայում էր գագաթի մոտ ընկած մյուս լեյտենանտի դիակին։ Սնայպերը նայում էր առաջը՝ ոտների տակի հողին։ Հետո հայացքը բարձրացրեց և նայեց կապիտանին։
 +
 +
― Այնտեղ կենդանի մարդ չկա, ― ասաց կապիտանը։ ― Է՛յ, դո՛ւ, ― ասաց նա սնայպերին։ ― Գնա՛ ստուգիր։
 +
 +
Սնայպերը հայացքն իջեցրեց։ Ոչ մի պատասխան չտվեց։
 +
 +
― Չլսեցի՞ր, ― գոռաց կապիտանը։
 +
 +
― Ճիշտ այդպես, իմ կապիտան, ― ասաց սնայպերը առանց նայելու նրան։
 +
 +
― Ուրեմն վեր կաց ու գնա, ― ասաց կապիտանը՝ ատրճանակը դեռևս ձեռքին։ ― Լսեցի՞ր։
 +
 +
― Ճիշտ այդպես, իմ կապիտան։
 +
 +
― Հապա ինչո՞ւ չես գնում։
 +
 +
― Չեմ ուզում, իմ կապիտան։
 +
 +
― Չես ուզո՞ւմ։ ― Կապիտանն ատրճանակի փողը դեմ արեց սնայպերի կողին։ ― Դու չե՞ս ուզում։
 +
 +
― Վախենում եմ, իմ կապիտան, ― արժանապատվությամբ պատասխանեց զինվորը։
 +
 +
Լեյտենանտ Բեռենդոն, երբ տեսավ կապիտանի դեմքն ու նրա արտասովոր աչքերը, մտածեց, որ նա կգնդակահարի զինվորին։
 +
 +
― Կապիտան Մորա, ― ասաց նա։
 +
 +
― Լեյտենանտ Բեռենդո՞։
 +
 +
― Հնարավոր է, որ զինվորն իրավացի է։
 +
 +
― Այսինքն ինչպե՞ս, իրավացի է, որ ասում է, թե վախենո՞ւմ է։ Իրավացի է, որ ասում է, թե չի ուզո՞ւմ կատարել հրամանը։
 +
 +
― Ոչ։ Նա իրավացի է, որ սա ծուղակ է։
 +
 +
― Մեռած են, բոլորն էլ, ― ասաց կապիտանը։ ― Ասում եմ բոլորն էլ մեռած են, լսեցի՞ր։
 +
 +
― Դուք նկատի ունեք զառիթափի վրա ընկած մեր ընկերների՞ն, ― հարցրեց Բեռենդոն։ ― Այդ դեպքում ես համաձայն եմ ձեզ հետ։
 +
 +
― Պակո՛, ― ասաց կապիտանը։ ― Խելք հավաքիր։ Ի՞նչ է, կարծում ես, թե միայն դո՞ւ էիր սիրում Խուլիանին։ Ես քեզ ասում եմ, որ կարմիրները մեռած են։ Տե՛ս։
 +
 +
Նա ձեռքերը դրեց գլաքարին, ձգվեց ամբողջ մարմնով․ և հասակով մեկ կանգնած գրանիտի բարձունքին՝ թևերը թափ տալով սկսեց գոռալ․
 +
 +
― Դե կրակե՛ք, խփե՛ք, սպանե՛ք ինձ։
 +
 +
Բլրի գագաթին, պառկած սպանված ձիու ետևը՝ Սորդոն քմծիծաղում էր։
 +
 +
Այ թե մարդիկ են, մտածեց նա։ Ծիծաղեց, բայց և փորձեց զսպել ծիծաղը, որովհետև ցնցումից թևը ցավում էր։
 +
 +
― Կարմիրներ, ― լսվում էր ներքևից եկող բղավոցը։ ― Կարմիր սրիկաներ։ Կրակեք։ Սպանե՛ք ինձ։
 +
 +
Սորդոն, զսպված ծիծաղից ուսերը ցնցելով, ձիու գավակի և ժայռի կողքի բացվածքի միջով նայում էր գլաքարի վրա բարձրացած թևերը թափահարող կապիտանին։ Գլաքարի մի կողմում կանգնած էր լեյտենանտը, մյուսում՝ սնայպերը։ Առանց հայացքը կտրելու նրանցից, Սորդոն ուրախ ճոճում էր գլուխը։
 +
 +
― Կրակե՛ք վրաս, ― ցածրաձայն ասաց ինքն իրեն։ ― Սպանե՛ք ինձ։ ― Զսպված ծիծաղից ուսերն ուժեղ ցնցվեցին և թևի ցավը սաստկացավ, իսկ գլուխը թվում էր, թե պայթելու է։ Բայց ծիծաղը չէր կարողանում պահել։
 +
 +
Կապիտան Մորան իջավ գլաքարից։
 +
 +
― Հիմա հավատացի՞ր ինձ, Պակո, ― հարցրեց նա լեյտենանտ Բեռենդոյին։
 +
 +
― Ոչ, ― ասաց լեյտենանտ Բեռենդոն։
 +
 +
― Cojones, ― ասաց կապիտանը։ ― Այդ ինչ ապուշներ ու վախկոտներ են կողքիս։
 +
 +
Սնայպերը նոիրց ծվարել էր գլաքարի ետևը, լեյտենանտը պպզել էր նրա կողքին։
 +
 +
Գլաքարի կողքին կանգնած կապիտանը նորից սկսեց հայհոյանքներ տեղալ բլրի գագաթի կողմը։ Ոչ մի լեզու այնքան հայհոյանք չունի, ինչքան իսպաներենը։ Անգլերեն բոլոր հայհոյախոսությունների համարժեքները իսպաներենում կան, բացի այդ, կան նաև այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք օգտագործվում են միայն այն երկրներում, որտեղ աստվածանարգությունն ու խստակրոնությունը խաղաղ գոյակցում են։ Լեյտենանտ Բեռենդոն շատ բարեպաշտ կաթոլիկ էր։ Սնայպերը նույնպես։ Երկուսն էլ Նավառայից էին, երկուսն էլ կառլիստներ և, երբ բարկացած էին լինում, և՛ հայհոյում էին, և՛ աստվածանարգում, բայց դա մեղք էին համարում և կանոնավորապես գնում էին ու խոստովանում։
 +
 +
Հիմա, երբ ծվարած գլաքարի ետևը, նրանք նայում էին կապիտանին ու լսում նրա բղավոցը, երկուսն էլ ջանում էին իրենց հեռու պահել և՛ նրանից, և՛ նրա խոսքերից։ Նրանք չէին ցանկանում այդպիսի խոսքերով մեղքի տակ մտնել, այն էլ այնպիսի մի օր, որ կարող էր իրենց մահվան օրը լինել։ Նման խոսքերը դժբախտություն կարող են բերել, մտածեց սնայպերը։ Սուրբ կույսի մասին այդպիսի խոսքեր ասելը վատ նշան էր։ Սրա բերանը ավելի կեղտոտ է, քան կարմիրներինը։
 +
 +
Խուլիանն սպանվեց, մտածում էր լեյտենանտ Բեռենդոն, և այսպիսի օրով ահա պառկած է զառիթափի վրա։ Իսկ այս կեղտոտ բերանը կանգնել է այստեղ ու իր աստվածանարգություններով նոր ու նոր դժբախտություններ է ուզում բերել։
 +
 +
Կապիտանն այդ պահին դադարեցրեց իր բղավոցն ու շրջվեց Բեռենդոյի կողմը։ Նրա աչքերն ավելի քան երբևէ տարօրինակ էին։
 +
 +
― Պակո՛, ― ուրախ ասաց նա, ― հիմա դու և ես կգնանք վերև։
 +
 +
― Ես չեմ գնա։
 +
 +
― Ի՞նչ, ― կապիտանը նորից հանեց ատրճանակը։
 +
 +
Ատում եմ այս ատրճանակ թափահարողներին, մտածում էր Բեռենդոն։ Առանց ատրճանակ թափ տալու ոչ միայն հրաման չեն կարող արձակել։ Երևի երբ զուգարան են գնում, ատրճանակը փորներին դեմ են անում, որպեսզի դուրս գան։
 +
 +
― Եթե հրամայեք, կգնամ։ Բայց կբողոքեմ, ― ասաց լեյտենանտ Բեռենդոն կապիտանին։
 +
 +
― Որ այդպես է, ես մենակ կգնամ, ― ասաց կապիտանը։ ― Վախկոտության այս գարշահոտին այլևս հնարավոր չէ դիմանալ։
 +
 +
Աջ ձեռքում ատրճանակը բռնած՝ հաստատուն քայլերով նա սկսեց բարձրանալ բլրի լանջն ի վեր։ Բեռենդոն ու սնայպերը հայացքով հետևում էին նրան։ Պատսպարվելու ոչ մի փորձ չէր անում, նայում էր ուղիղ դիմացը՝ ժայռերին, սպանված ձիուն, բլրի գագաթի թարմ հողակույտերին։
 +
 +
Էլ Սորդոն պառկել էր ձիու ետևը և ժայռի կողքով նայում էր քայլ առ քայլ բարձրացող կապիտանին։
 +
 +
Միայն մի հոգի, մտածեց նա։ Միայն մի հոգի ենք փռելու։ Բայց դրա խոսելուց այնպես է երևում, որ caza mayor<ref>Խոշոր գազան (իսպ․)։</ref> է։ Տե՛ս, ոնց է քայլում։ Տե՛ս ինչ կենդանի է։ Տե՛ս ոնց է բարձրանում։ Սա ինձ համար է։ Սրան ես կվերցնեմ ինձ հետ ճանապարհորդելու։ Սա էլ իմ ուղևորությունից է կատարելու։ Արի՛, ընկեր ուղևոր։ Բարձրացի՛ր։ Արի ուղիղ այստեղ։ Արի՛, քեզ այնպե՜ս դիմավորենք։ Արի՛։ Քայլի՛ր։ Մի՛ դանդաղիր։ Արի ուղիղ այստեղ։ Արի ոնց որ գալիս ես։ Կանգ չառնես, չնայես նրանց։ Այդպես։ Ցած մի՛ նայիր։ Այդպես, աչքերդ ուղիղ առաջ, այդպես արի՛։ Տես է, բեղեր էլ ունի։ Սրան ի՞նչ կասես։ Ընկեր ուղևորը բեղեր էլ ունի։ Կապիտան է։ Դրա թևքի քուղերը տես։ Ասում էի, չէ՞, որ caza mayor է։ Ingles֊ի է նման։ Աչքերն էլ բաց կապույտ են։ Բաց կապույտ և տարօրինակ։ Բաց կապույտ ու հա խաղում են։ Մոտեցի՛ր։ Ավելի մոտեցի՛ր։ Այդպես, ընկեր ուղևոր։ Ա՛ռ քեզ, ընկեր ուղևոր։ Նա կամացուկ քաշեց գնդացրի ձգանը, երեք հետադարձ հարված զգաց ուսին, ինչպես լինում է առհասարակ եռոտանու վրա ամրացված ձեռքի գնդացիրներից կրակելիս։
 +
 +
Կապիտանը երեսնիվայր փռվեց բլրի լանջին։ Ձախ թևը մնացել էր տակը։ Աջը, ատրճանակը բռնած, ձգվել էր առաջ։ Բլրի ստորոտից սկսել էի կրակ տեղալ դեպի գագաթը։
 +
 +
Պպզած գլաքարի ետևը, լեյտենանտ Բեռենդոն մտածում էր, թե ինչպես է գնդակների տակով կտրել֊անցնելու բաց տարածությունը, մեկ էլ բլրի գագաթից լսեց Սորդոյի խուլ ու խռպոտ ձայնը։
 +
 +
― Bandidos, ― լսվում էր վերևից։ ― Bandidos: Խփե՛ք ինձ։ Սպանե՛ք ինձ։
 +
 +
Բլրի գագաթին, պառկած գնդացրի ետևը, Սորդոն այնպես էր ծիծաղում, որ կուրծքը ցավում էր, թվում էր ուր որ է գլուխը ցավից կպայթի։
 +
 +
― Bandidos, ― ուրախ գոռաց նա նորից։ ― Սպանե՛ք ինձ, bandidos: Հետո ուրախ թափ տվեց գլուխը։ Մեզ հետ ուղևորության մեկնողների մի լավ խումբ հավաքեցինք արդեն, մտածեց նա։
 +
 +
Նա հիմա փորձելու էր գնդացրի կրակով մյուս սպային էլ վերջ տալ, հենց որ նա դուրս գար գլաքարի ետևից։ Վաղ թե ուշ դուրս էր գալու։ Սորդոն գիտեր, որ նա այդտեղից հրամաններ արձակել չի կարող, այնպես որ նրա վերջն էլ տալու լավ հնարավորություն կա։
 +
 +
Այդ պահին գագաթում գտնվողները լսեցին ինքնաթիռների աղմուկը։
 +
 +
Էլ Սորդոն չէր լսել։ Նա գնդացիրն ուղղել էր գլաքարի հեռավոր ծայրին ու մտածում էր․ հենց որ տեսնեմ վազում է, պետք է կրակեմ, եթե ուշադիր չլինեմ, կվրիպեմ։ Կարելի է կրակել թիկունքին, երբ վազելիս լինի։ Կարելի է կրակել կողքերը, առաջը։ Կամ էլ թողնել, որ մի քիչ վազի ու կրակել առաջը։ Պիտի փորձեմ կրակի տակ առնել հենց որ քարի ետևից դուրս գա ու պոկվի։ Այդ պահին զգաց, որ մեկը ձեռքով խփեց ուսին, շրջվեց ու տեսավ Խոակինի սարսափից սմքած դեմքը, նա նայեց վերև, ուր որ ցույց էր տալիս տղան, և տեսավ դեպի իրենց կողմը թռչող  երեք ինքնաթիռներ։
 +
 +
Հենց այդ ժամանակ լեյտենանտ Բեռենդոն պոկվեց գլաքարի մոտից և գլուխն առաջ հակած արագ վազքով զառիթափով իջավ ցած, ժայռերի ետևը զետեղված գնդացրի մոտ։
 +
 +
Սորդոն նայում էր ինքնաթիռներին և չտեսավ, թե ինչպես հեռացավ լեյտենանտը։
 +
 +
― Օգնիր սա դուրս քաշեմ այստեղից, ― ասաց նա Խոակինին, և տղան ժայռի ու ձիու արանքում սեղմված գնդացիրը դուրս բերեց։ Ինքնաթիռներն անգայթ մոտենում էին։ Գալիս էին իրար ետևից, յուրաքանչյուր վայրկյանի հետ ավելի ու ավելի մեծանում, իսկ աղմուկը սաստկանում էր։
 +
 +
― Պառկե՛ք մեջքներիդ և կրակե՛ք վրաները, ― ասաց Սորդոն։ ― Կրակե՛ք առաջները։
 +
 +
Նա հայացքը չէր կտրում ինքնաթիռներից։
 +
 +
― Cabrones! Hijoa de puta! ― ասաց արագ֊արագ։ ― Իգնասիո, ― ասաց նա։ ― Գնդացիրը հենիր տղայի ուսին։ Դու, ― դարձավ Խոակինին, ― նստիր ու մի շարժվիր։ Կռացիր։ Էլի, չէ, ավելի։
 +
 +
Նա պառկեց մեջքին և նշան բռնեց անգայթ մոտեցող ինքնաթիռներին։
 +
 +
― Իգնասիո, գնդացրի ոտները պահիր։ Գնդացրի ոտները Խոակինի ուսերից կախ էին ընկել, և փողը ցնցվում էր, որովհետև տղան դողում էր ինքնաթիռների ուժեղացող աղմուկը լսելով։
 +
 +
Փորի վրա պառկած և ինքնաթիռների ընթացքին հետևելու համար գլուխը բարձրացնելով Իգնասիոն երկու ձեռքերի մեջ հավաքեց գնդացրի ոտները։ Զենքն արդեն չէր ցնցվում։
 +
 +
― Գլուխդ իջեցրու, ― ասաց նա Խոակինին։ ― Առաջ թեքիր։
 +
 +
Պասիոնարիան ասել է՝ ավելի լավ է մեռնել կանգնած․․․ ― մտովի ասում էր Խոակինը, երբ ինքնաթիռների աղմուկը ընդհուպ մոտեցավ ու սաստկացավ։ Եվ նա միանգամից սկսեց աղոթքի խոսքեր արտասանել։ ― Ո՛վ Մարիամ, երանելի կույս, որ աստծու կողքին ես, օրհնյալ ես դու ի կանայս, օրթնյալ է քո որովայնի պտուղը, մեր տեր Հիսուս Քրիստոսը։ Սուրբ Մարիամ, ո՛վ Աստվածամայր, բարեխոսիր վասն մեր՝ մեղավորներիս, այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։ Սուրբ Մարիամ, ո՛վ Աստվածամայր, ― վերսկսեց նա, բայց ինքնաթիռների անտանելի դարձած աղմուկի տակ մոռանալով բառերը, ու նորից, արագ֊արագ շարունակեց ապաշխարհական աղոթքի խոսքեր արտասանել։ ― Տեր իմ, ի սրտե զղջում եմ, որ զայրացրել եմ քեզ իմ տգիտության պատճառով․․․
 +
 +
Այդ պահին ականջների մեջ թնդաց պայթյունների որոտը և ուսի վրա զգաց զենքի այրող տաքությունը։ Հետո որոտը վերսկսվեց, գնդացրի կրակոցներից խլացել էր արդեն։ Իգնասիոն գնդացրի փողը ցած էր քաշում, Խոակինն զգում էր, որ մեջքն այրվում է։ Որոտ էր, թնդյուն ու աղմուկ, նա չէր կարողանում հիշել ապաշխարհական աղոթքի խոսքերը։
 +
 +
Հիշում էր միայն մի բան՝ մեր մահվան ժամին։ Ամեն։ Մեր մահվան ժամին։ Ամեն։ Ժամին։ Ամեն։ Մյուս բոլոր պարտիզանները կրակում էին։ Այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։
 +
 +
Հետո, գնդացրի որոտի միջից, լսվեց մի սուլոց, որ ճեղքեց օդը, մի ոռնոց, և ամեն ինչ դարձավ կարմիր, սև, երկիրը սասանվեց ծնկների տակ, ապա ժայթքող հողն ու քարերը տարափով սկսեցին թափվել գլխներին, Իգնասիոն ընկել էր իր վրա, գնդացիրը նույնպես։ Բայց նա մահացած չէր, որովհետև նորից լսվեց սուլոցը, և երկիրը դարձյալ սասանվեց ոռնոցից և բարձունքի մի հատվածն օդ բարձրացավ ու դանդաղ թափվեց իրենց վրա։
 +
 +
Ինքնաթիռները երեք անգամ ռմբակոծեցին բլուրը, սակայն գագաթում գտնվողներից ոչ մեկն այդ բանը չիմացավ։ Հետո ինքնաթիռները խոյընթաց սլացան դեպի բլրի գագաթը, գնդացրային կրակ բացեցին և եռանկյունի կազմած ուղղություն վերցրին դեպի Սեգովիա։
 +
 +
Լեյտենանտ Բեռենդոն բլրի գագաթը անընդհատ կրակի տակ առավ, հետո մի քանի զինվորի հետ շարժվեց դեպի ռմբակոծությունից գոյացած փոսերից մեկը, որտեղից հնարավոր էր նռնակներ նետել  բլրի գագաթը։ Նա չէր ուզում ռիսկի դիմել, ո՞վ իմանա, գուցե մեկնումեկը կենդանի է մնացել քիչ առաջ այդտեղ տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ և հիմա սպասում էր իրենց, ու նա անձամբ չորս նռնակ նետեց ձիու դիակի, ջարդոտված քարերի, պայթուցիկի հոտով բռնված ժայթքած հողի խառնակույտի վրա և նոր միայն սկսեց բարձրանալ դեպի գագաթը։
 +
 +
Բլրի գագաթին ոչ մեկը կենդանի չէր մնացել, բացի Խոակինից։ Գիտակցությունը կորցրած նա ընկել էր դիակնացած Իգնասիոյի տակ։ Քթից ու ականջներից արյուն էր հոսում։ Այն պահից, երբ շուրջը որոտով, թնդյունով ու աղմուկով բռնվեց և հենց կողքին ընկած ռումբից շունչը կտրվեց, նա ոչ մի բան չէր զգում։ Լեյտենանտ Բեռենդոն խաչ հանեց և արագ ու քնքշորեն , եթե այդպիսի կտրուկ շարժումը կարող է քնքուշ լինել, կրակեց երեսի վրա պառկած տղայի գլխին, այնպես, ինչպես Սորդոն էր կրակել վիրավոր ձիու ճակատին։
 +
 +
Լեյտենանտ Բեռենդոն կանգնել էր բլրի գագաթին ու նայում էր զառիթափի վրա ընկած իրենց մեռելներին, հետո հայացքն ուղղեց դեպի հովիտը, որտեղից հալածական Սորդոյի հետքերով քառատրոփ եկել էին այստեղ։ Նա իր հիշողության մեջ թարմացրեց մարտի բոլոր մանրամասնությունները, հետո հրամայեց սպանվածների ձիերը բերել վերև և դիակները լայնակի կապել թամբերի վրա, որպեսզի փոխադրեն Լա Գրանխա։
 +
 +
― Դրան էլ վերցրեց, ― ասաց նա։ ― Գնդացրի ետևը նստածին։ Երևի դա է Սորդոն։ Դա ամենից տարիքովն է, և դա է գնդացրի ետևը նստել։ Չէ։ Գլուխը կտրեք և թիկնոցով փաթաթեք։ ― Մի րոպե մտածեց։ ― Կարելի է բոլորի գլուխներն էլ տանել։ Մյուսներինն էլ, որոնց ներքևում սպանեցինք։ Հրացաններն ու ատրճանակները հավաքեցեք, գնդացիրը գցեք ձիու թամբին։
 +
 +
Հետո նա քայլեց ցած, մոտեցավ առաջին գրոհի ժամանակ սպանված լեյտենանտին։ Նայեց նրան, բայց չդիպավ։
 +
 +
― Que cosa mas mala es la guerra, ― ասաց ինքն իրեն, որ նշանակում էր՝ ինչ վատ բան է պատերազմը։
 +
 +
Հետո նորից խաչ հանեց ու քայլեց ցած՝ ճանապարհին հինգ անգամ «Հայր մեր» և հինգ անգամ էլ «Ցնծա, կույս Մարիամ» աղոթքներն արտասանելով իր մեռած ընկերոջ հոգու, հանգստության համար։ Նա չէր ուզում իր հրամանների կատարմանը ներկա լինել։
 +
 +
 +
==Գլուխ քսանութերորդ==
 +
 +
Ինքնաթիռների հեռանալուց հետո Ռոբերտ Ջորդանն ու Պրիմիտիվոն վերստին հրաձգություն լսեցին, Ռոբերտ Ջորդանին թվաց, թե իր սիրտն էլ նորից սկսեց բաբախել։ Լեռնապարի հեռավոր բարձունքի վրայով լողում էր ծխի մի ամպ, իսկ հեռացող ինքնաթիռները կարծես երեք անգայթ կետեր լինեին երկնքում։
 +
 +
Երևի հենց իրենց հեծելազորն էլ գրողի ծոցն են ուղարկել, մտածեց Ռոբերտ Ջորդանը, իսկ Սորդոն ու ընկերները մնացել են անվնաս։ Այդ անիծյալ ինքնաթիռներն այնքան չեն սպանում, ինչքան մահվան սարսափով են համակում։
 +
 +
― Մարտը շարունակվում է, ― ասաց Պրիմիտիվոն՝ լսելով ուժեղ հրաձգությունը։ Ռմբակոծության ընթացքում յուրաքանչյուր պայթյունի հետ նա ցնցվում էր, հիմա արդեն չորացած շրթներն էր լիզում։
 +
 +
― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինքնաթիռներից ոչ ոք չի սպանվում։
 +
 +
Հրաձգությունը վերջնականապես դադարեց, և ոչ մի կրակոց այլևս չլսվեց։ Լեյտենանտ Բեռենդոյի ատրճանակի կրակոցի ձայնը չհասավ նրանց։
 +
 +
Սկզբում, երբ հրաձգությունը դադարեց, նա հանգիստ էր։ Հետո, երբ լռությունը ձգվեց, ինչ֊որ ցավագին զգացողություն սկսեց սեղմել կուրծքը։ Մեկ էլ հանկարծ նռնակների պայթյուններ լսեց, և սիրտը մի պահ վերստին հուսավառվեց։ Հետո դարձյալ լռություն տիրեց, և նա հասկացավ, որ ամեն ինչ վերջացել է։
 +
 +
Թիթեղյա մի դույլ ձեռքին Մարին եկավ ճամբարից, նա բերել էր սնկի սոուսով եփված նապաստակի միսը, մի տոպրակ հաց, կաշեշշով գինի, թիթեղյա չորս ափսե, երկու բաժակ և չորս գդալ։ Նա կանգնեց գնդացրի կողքին, վերցրեց երկու ափսե, ճաշ լցրեց, մեկը տվեց Ագուստինին, մյուսը՝ Էլադիոյին, որն Անսելմոյին էր փոխարինելու, հանեց հաց տվեց, հետո գինի լցրեց բաժակները։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայում էր արևի ճառագայթների տակ փայլփլացող նրա խուզած մազերին, նայում էր, թե ինչ թեթևությամբ նա ժայռից ժայռ է թռչում ու գալիս դեպի իր դիտակետը՝ տոպրակը ուսից կախած, մի ձեռքով էլ դույլը պահած։ Նա գնաց աղջկան ընդառաջ, դույլը վերցրեց ձեռքից և օգնեց, որ անցնի վերջին գլաքարի վրայով։
 +
 +
― Ինքնաթիռներն ի՞նչ էին անում, ― վախեցած հարցրեց աղջիկը։
 +
 +
― Սորդոյին էին ռմբակոծում։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը բացեց դույլի բերանը և շոգեխաշած միս ու սնկի սոուս լցրեց ափսեի մեջ։
 +
 +
― Կռվո՞ւմ են տակավին։
 +
 +
― Ոչ։ Վերջացավ։
 +
 +
― Ա՜խ, ― ասաց աղջիկն ու կծեց շրթունքը, հետո սկսեց նայել հեռավոր բլուրներին։
 +
 +
― Ախորժակ չունեմ, ― ասաց Պրիմիտիվոն։
 +
 +
― Այնուամենայնիվ կեր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Կուլ չի գնա։
 +
 +
― Առ, մի քիչ խմիր, ծերուկ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն ու կաշեշիշը մեկնեց նրան։ ― Խմի՛ր, հետո կուտես։
 +
 +
― Ոչ մի ցանկություն չմնաց Սորդոյից հետո, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Դու կե։ Ես չեմ ուզում։
 +
 +
Մարիան մոտեցավ նրան, ձեռքերը գցեց վզով ու համբուրեց։
 +
 +
― Կե՛ր, սիրելիս, ― ասաց աղջիկը։ ― Ուժից պետք չէ ընկնել։
 +
 +
Պրիմիտիվոն շրջվեց նրանից։ Վերցրեց կաշեշիշը և գլուխը ետ գցած մի քանի կում կուլ տվեց։ Հետո ափսեն լցրեց և սկսեց ուտել։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց Մարիային ու գլուխը թափ տվեց։ Աղջիկը նստել էր իր կողքին և թևը գցել էր ուսին։ Նստել էին նրանք, և երկուսն էլ գիտեին, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ է զգում։ Ռոբերտ Ջորդանն ուտում էր շոգեխաշած միսը, ուտում էր հանգիստ, ջանալով մինչև վերջ վայելել սնկի սոուսը, մերթընդմերթ գինու մի քանի կում էր անում և շարունակում էր լուռ ճաշել։
 +
 +
― Դու կարող ես այստեղ մնալ, guapa, եթե ուզում ես, ― ասաց նա, երբ ճաշել֊վերջացրել էր։
 +
 +
― Ոչ, ― ասաց աղջիկը։ ― Պետք է վերադառնամ Պիլարի մոտ։
 +
 +
― Կարող ես մնալ։ Չեմ կարծում, որ հիմա արդեն որևէ բան պատահի։
 +
 +
― Ոչ։ Պետք է վերադառնամ։ Պիլարն ինձ խրատներ է տալիս։
 +
 +
― Ի՞նչ է տալիս։
 +
 +
― Խրատներ։ ― Աղջիկը ժպտաց ու համբուրեց Ռոբերտ Ջորդանին։ ― Կրոնական խրատների մասին լսե՞լ ես։ ― Շիկնեց։ ― Նման մի բան է։ ― Դարձյալ շիկնեց։ ― Բայց՝ տարբեր։
 +
 +
― Դե լավ, գնա լսիր Պիլարի խրատները, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և շոյեց նրա գլուխը։ Աղջիկը նորից ժպտաց, հետո դարձավ Պրիմիտիվոյին։ ― Քեզ որևէ բան պե՞տք է։
 +
 +
― Չէ, աղջիկս, ― ասաց նա։ Նրանք երկուսն էլ նկատեցին, որ Պրիմիտիվոն դեռևս չէր վերագտել իրեն։
 +
 +
― Salud, ծերուկ, ― ասաց աղջիկը։
 +
 +
― Լսի՛ր, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ես մեռնելուց չեմ վախենում, բայց որ մենք նրանց այդ ձևով մենակ թողեցինք․․․ ― Նրա ձայնը խզվեց։
 +
 +
― Ուրիշ ելք չկար, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Գիտեմ։ Բայց միևնույն է։
 +
 +
― Ուրիշ ելք չկար, ― կրկնեց Ռոբերտ Ջորդանը։ ― Եվ ավելի լավ կլինի, որ այլևս այդ մասին չխոսենք։
 +
 +
― Այո։ Բայց նրանք այնտեղ մենակ, առանց մեր օգնության․․․
 +
 +
― Ավելի լավ է չխոսենք այդ մասին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ դու, guapa, գնա խրատները յուրացնելու։
 +
 +
Նա նայում էր ժայռերի վրայով իջնող աղջկան։ Հետո, նստած այդտեղ, երկար ժամանակ հայացքն ուղղել էր դեպի լեռներն ու մտածում էր։
 +
 +
Պրիմիտիվոն խոսում էր իր հետ, բայն նա նրան չէր պատասխանում։ Արևն արդեն այրում էր, բայց նա չէր զգում տաքությունը, նստել ու նայում էր սարալանջերին, մինչև սարալանջերի կատարները ձգվող սոճուտներին։ Անցել էր մեկ ժամ, արևն արդեն ահագին ձախ էր թեքվել, երբ նկատեց, որ սարի կատարից իջնում են նրանք։ Վերցրեց հեռադիտակը։
 +
 +
Երբ առաջին երկու հեծյալներն սկսեցին իջնել կանաչ սարալանջով, ձիերն հազիվ էին երևում։ Հետո ևս չորս հեծյալ հայտնվեցին, այնուհետև նա հեռադիտակի մեջ պարզ տեսավ երկշար հեծելախմբի և՛ զինվորներին, և՛ ձիերին։ Տեսավ ու զգաց, որ քրտինքը թևատակերից սկսեց վազել։ Մեկը գնում էր շարասյան առջևից։ Նրա ետևից գնում էին թամբերի վրա բեռներ կապված ձիեր, հետո դարձյալ երկու հեծյալ, վիրավորներ տանող ձիեր, որոնց սանձերից բռնած կողքով քայլում էին զինվորները։ Վերջում դարձյալ հեծյալ մի խումբ երևաց։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայում էր նրանց, որ իջնում էին սարալանջով և մեկ առ մեկ մտնում անտառ ու ծածկվում հայացքից։ Այդ տարածության վրա նա չէր կարող իմանալ, թե ձիերից մեկի թամբի թիկնոցի մեջ փաթաթված ու ոլոռի պատիճներով լցված պարկի նման կորացած և երկու ծայրերը ասպանդակներին կապած բեռն ինչ էր։ Բեռան կողքին, թամբի վրա, հպարտ բազմել էր Սորդոյի գնդացիրը, որն իր գործն արել֊վերջացրել էր։
 +
 +
Շարասյան առջևից ընթացող լեյտենանտ Բեռենդոն, որն առաջից դիտակալներ էր ուղարկել, ոչ մի հպարտություն չէր զգում, նրան համակել էր մարտերին հաջորդող դատարկության զգացումը։ Նա մտածում էր, որ բարբարոսություն է մարդկանց գլուխները կտրել և տանելը, բայց մտածում էր նաև, որ դրանք իրեղեն ապացույցներ են, բացի այդ, դրանցով նաև կարելի է որոշել, սպանվածների ինքնությունը։ Սրանք կարող են ինձ դեռևս տհաճություններ պատճառել։ Բայց ի՞նչ իմանաս, նման բաները մերոնցից շատերին դուր կգան։ Հնարավոր է նույնիսկ, որ այս գլուխները Բուրգոս ուղարկեն։ Բայց ինչ ուզում ես ասա, բարբարոսություն է։ Իսկ ինքնաթիռները muchos էին։ Ուժեղ էին։ Բայց մի հատ «Ստոկս» ականանետը բավական էր, ոչ էլ այսքան զոհ կունենայինք։ Հարկավոր էր ընդամենը երկու ջորի արկերի համար, մեկն էլ ականանետի։ Ա՛յ, այդ ժամանակ իսկական բանակ կլինեինք։ Մի ականանետն ու դրան գումարած մեր այս բոլոր ավտոմատները։  Ու ևս մի ջորի։ Չէ, երկու ջորի, որպեսզի զինամթերքը տեղափոխեին։ Վերջ տուր, ասաց ինքն իրեն։ Դա արդեն հեծելազոր չեղավ։ Վերջ տուր։ Դա արդեն բանակ եղավ։ Շուտով կսկսես լեռնային հրետանու մասին մտածել։
 +
 +
Հետո նա սկսեց խորհել բլրի լանջին սպանված Խուլիանի մասին, որի դիակն հիմա, կապկպված ձիու գավակին, գնում էր առաջապահ հեծելախմբի հետ, և, երբ արևաշող սարալանջից իջան ու մտան մութ սոճուտը, անտառի խավարում նա նորից սկսեց աղոթել ընկերոջ հոգու փրկության համար։
 +
 +
― Ո՜վ սուրբ տիրուհի, մայր գթության, ― սկսեց նա, ― աղբյուր կենաց մերոնց և բերկրանաց և հուսո։ Լո՛ւր ողբոց մերոց և պաղատանաց, որք հեծեմք ի մեջ հովտին արտասվաց․․․
 +
 +
Նա աղոթում էր, մինչ ձիերն անաղմուկ անցնում էին սոճու ասեղնատերևով ծածկված անտառով, իսկ ծառերի բների արանքներից թափանցող լույսը եկեղեցու սյունաշարերի պատրանքն էր ստեղծում։ Նա աղոթում էր ու միաժամանակ հետևում առջևից գնացող դիտակալներին։
 +
 +
Անտառից դուրս եկան Լա Գրանխա տանող դեղին ճանապարհը, և ձիերի սմբակների տակից բարձրացող փոշին կախվեց նրանց վրա։ Փոշին նստեց ձիերի թամբերին լայնակիորեն և երեսնիվայր կապկպած դիակների, վիրավորների ու նրանց կողքով քայլող զինվորների վրա։ Ամեն ինչ ծածկվեց փոշու հաստ խավով։
 +
 +
Այդտեղ էր, այդ կանգնած փոշու մեջ, որ Անսելմոն տեսավ նրանց։ Նա հաշվեց դիակները, վիրավորներին, հետո ճանաչեց Սորդոյի գնդացիրը։ Այդ ժամանակ նա գլխի չընկավ, թե ինչ է երկու ծայրերով ասպանդակներին կապված փաթեթի միջինը, բայց երբ մթանը վերադարձի ճանապարհին եղավ այն բարձունքում, որտեղ Սորդոն մարտի էր բռնվել, հասկացավ, թե ինչ էր պարունակում թիկնոցով փաթաթված երկարավուն բեռը։ Մթության մեջ նա չկարողացավ որոշել, թե ովքեր են եղել Սորդոյի հետ, ուստի և միայն ընկած դիակներն հաշվեց ու գնաց դեպի Պաբլոյի ճամբարը։
 +
 +
Նա միայնակ քայլում էր մթության մեջ և զգում էր, թե ինչպես ռուբերի գոյացրած փոսերը, դիակներն ու բլրի վրա աչքերի առջև բացված տեսարանը սարսուռով են պատել ամբողջ էությունը, և ջանում էր հեռու վանել վաղվա գործի հետ կապված մտքերը։ Նա շտապում էր շուտ հասնել ճամբար ու հաղորդել լուրը։ Քայլում էր ու աղոթում Սորդոյի և նրա ամբողջ խմբի մարդկանց հոգիների փրկության համար։ Պատերազմն սկսվելուց հետո առաջին անգամ նա աղոթում էր։
 +
 +
― Ո՜վ սուրբ կույս, դշխուհի ամենագութ, ― աղոթում էր նա։
 +
 +
Բայց և այնպես նա չկարողացավ վաղվա գործի հետ կապված մտքերից ազատվել։ Եվ մտածում էր, որ կանի այնպես, որ ես միշտ նրա կողքին լինեմ, ու նրա կարգադրությունները լինեն ճշգրիտ, որովհետև ես կարող եմ կորցնել գլուխս, երբ ինքնաթիռներն սկսեն ռմբակոծել։ Օգնի՜ր ինձ, տե՛ր, որ ես կարողանամ ինձ այնպես պահել, ինչպես պարտավոր է մարդն իր վերջին ժամերին։ Օգնի՛ր ինձ, ո՛վ տեր, որ ես կարողանամ տիրապետել իմ ոտքերին և փախուստի չդիմեմ, երբ վրա հասնի դժոխային պահը։ Օգնի՛ր ինձ, տե՛ր, որպեսզի ես կարողանամ տղամարդու նման ինձ պահել վաղվա մարտում։ Խնդրում եմ, տե՛ր, քո օգնությունը, շնորհի՛ր ինձ, մի՛ զլանար, որովհետև ինձ համար շատ է ծանր, և խոստանում եմ այլևս ոչինչ չխնդրել։
 +
 +
Միայնակ քայլում էր խավարում և զգում, թե ինչպես է հոգին թեթևանում աղոթքից, հիմա արդեն վստահ էր, որ վաղն իրեն տղամարդավարի կպահի։ Իջնում էր սարահարթից ու աղոթում Սորդոյի խմբի մարդկանց հոգիների փրկության համար։ Հասել էր պահակակետին։ Ֆերնանդոն ձայն տվեց։
 +
 +
― Ես եմ, ― պատասխանեց Անսելմոն։
 +
 +
― Լավ, ― ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Իմացա՞ր Սորդոյի մասին, ծերուկ, ― հարցրեց Անսելմոն Ֆերնանդոյին, երբ երկուսով կանգնել էին խավարում ժայռերի բացվածքի մեջ։
 +
 +
― Ինչո՞ւ չէ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Պաբլոն պատմեց։
 +
 +
― Եղե՞լ է վերևում։
 +
 +
― Ինչո՞ւ չէ, ― առանց որևէ խանդավառության ասաց նա։ ― Հեծելազորի հեռանալուց անմիջապես հետո նա գնացել էր այնտեղ։
 +
 +
― Նա պատմե՞ց ձեզ․․․
 +
 +
― Նա մեզ ամեն ինչ պատմեց, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ինչպիսի բարբարոսներ են այդ ֆաշիստները։ Մենք պետք է Իսպանիայում այդ բարբարոսների վերջը տանք։ ― Նա կանգ առավ, հետո դառնացած ասաց․ ― Արժանապատվություն հասկացողությունը բոլորովին գոյություն չունի նրանց համար։
 +
 +
Մթության մեջ Անսելմոն քմծիծաղեց։ Մի ժամ առաջ նա մտքով իսկ չէր կարող անցկացնել, որ երբևիցե ընդունակ կլինի ժպտալու։ Ա՛յ քեզ Ֆերնանդո, ա՛յ քեզ տարօրինակ մարդ։
 +
 +
― Այո, ― ասաց նա Ֆերնանդոյին։ ― Մենք պետք է նրանց դաստիարակենք։ Մենք պետք է խլենք նրանց ինքնաթիռները, տանկերը, հրանոթները և արժանապատվություն սովորեցնենք։
 +
 +
― Ճիշտ այդպես, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես ուրախ եմ, որ դու համաձայն ես ինձ հետ։
 +
 +
Անսելմոն թողեց մենակ նրան իր արժանապատվության հետ ու գնաց դեպի քարայր։
 +
 +
 +
==Գլուխ քսանիններորդ==
 +
 +
Անսելմոն Ռոբերտ Ջորդանին գտավ քարայրում, նա նստած էր տախտակե սեղանի առաջ, Պաբլոյի դիմաց, յուրաքանչյուրի առջև մի բաժակ կար, սեղանի կենտրոնում՝ գինով լի մի թաս։ Ռոբերտ Ջորդանը հանել էր նոթատետրը, մատիտը պահել ձեռքին։ Պիլարն ու Մարիան քարայրի խորքում էին, և Անսելմոն նրանց չտեսավ։ Նրան տարօրինակ թվաց Պիլարի այդտեղ՝ սեղանի մոտ չլինելը, որովհետև չգիտեր, որ կինը դիտմամբ էր մի կողմ տարել աղջկան, որպեսզի նա չլսի խոսակցությունը։
 +
 +
Անսելմոն նոր էր մուտքի տապճակը մի կողմ քաշել ու մտել քարայր, որ Ռոբերտ Ջորդանը գլուխը բարձրացրեց։ Պաբլոն նայում էր սեղանին։ Նա աչքերը սևեռել էր գինու թասին, բայց թասը չէր տեսնում։
 +
 +
― Վերևից եմ գալիս, ― ասաց Անսելմոն Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
― Պաբլոն պատմել է մեզ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Վեց դիակ կար բարձունքում, վեցն էլ գլխատված, ― ասաց Անսելմոն։ ― Մութ էր արդեն, որ գնացի։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը գլխով արեց։ Պաբլոն նստել էր ու նայում էր գինու թասին, չէր խոսում։ Դեմքի վրա ոչ մի արտահայտություն չկար, իսկ նրա փոքրիկ, խոզի աչքերն այնպես էին սևեռվել գինու թասին, կարծես առաջին անգամ էին տեսնում։
 +
 +
― Նստի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին։
 +
 +
Ծերունին նստեց կաշեպատ մի աթոռի վրա, իսկ Ռոբերտ Ջորդանը կռացավ, սեղանի տակից հանեց Սորդոյի նվիրած վիսկիի շիշը։ Մոտավորապես մինչև կեսը լեցուն էր։ Ռոբերտ Ջորդանը ձգվեց, սեղանի ծայրից վերցրեց մի բաժակ, վիսկի լցրեց ու հրեց Անսելմոյի կողմը։
 +
 +
― Խմի՛ր, ծերուկ, ― ասաց։
 +
 +
Պաբլոն մի պահ հայացքը կտրեց գինու թասից, նայեց Անսելմոյին և աչքերը վերստին սևեռեց թասին։
 +
 +
Անսելմոն կուլ տվեց վիսկին և ռունգերում, աչքերի մեջ ու բերանում այրոց զգաց, հետո երանավետ, հաճելի մի ջերմություն, որ պարուրեց ստամոքսը։ Նա ձեռքի երեսով սրբեց բերանը, նայեց Ռոբերտ Ջորդանին ու ասաց․
 +
 +
― Կարելի՞ է մեկն էլ։
 +
 +
― Ինչո՞ւ չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և նորից լցրեց, բայց այս անգամ բաժակը ոչ թե հրեց, այլ մեկնեց նրան։
 +
 +
Այս անգամ կուլ տալիս Անսելմոն այրոց չզգաց, բայց հաճելի ջերմությունը կրկնապատկվեց։ Վիսկին նոր ավյուն տվեց նրան, ինչպես արյունաքամ մարդուն ֆիզիոլոգիական լուծույթի ներարկումը։
 +
 +
Ծերունին հայացքը վերստին ուղղեց շշին։
 +
 +
― Մնացածը թողնում ենք վաղվան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հիմա պատմիր ճանապարհի անցուդարձից։
 +
 +
― Մեքենաներ շատ անցան, ― ասաց Անսելմոն։ ― Բոլորը նշել եմ՝ ոնց որ ասել էիր։ Մի կնոջ հետ էլ պայմանավորվել եմ, նա հիմա նշումներ է անում։ Քիչ հետո կգնամ կիմանամ։
 +
 +
― Հակատանկային հրանոթներ կայի՞ն։ Դրանք ռետինե անիվներ ունեն, փողն էլ ավելի երկար է։
 +
 +
― Այո, ― ասաց Անսելմոն։ ― Չորս բեռնատար անցան։ Չորսի վրա էլ այդպիսի հրանոթներ կային, փողերը ծածկել էին սոճու ճյուղերով։ Ամեն հրանոթի հետ մեքենայի վրա վեց զինվոր կար։
 +
 +
― Ասացիր չո՞րս հրանոթ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Չորս, ― ասաց Անսելմոն։ Նա չէր նայում իր նշումներին։
 +
 +
― Պատմիր տեսնեմ ուրիշ ինչե՞ր են անցել ճանապարհով։
 +
 +
Նա պատմում էր, իսկ Ռոբերտ Ջորդանը՝ նշում։ Պատմեց սկզբից մինչև վերջ, հերթականությամբ, ամեն ինչ, զարմանալի մի հիշողությամբ, որը բնորոշ է գրել֊կարդալ չիմացող մարդկանց։
 +
 +
Այդ միջոցին Պաբլոն երկու անգամ բաժակը գինի լցրեց։
 +
 +
― Տեսա նաև հեծելազորը, որ Սորդոյի հետ մարտից հետո Լա Գրանխա էր վերադառնում սարերից։
 +
 +
Հետո նա ասաց, թե քանի վիրավոր էր տեսել և քանի սպանված էին տանում թամբերին գցած։
 +
 +
― Թամբերից մեկի վրա մի կապոց կար, այն ժամանակ չհասկացա, թե ինչ է, ― ասաց նա։ ― Հիմա արդեն գիտեմ, որ գլուխներն էին։ Հեծելազորային վաշտ էր, ― շարունակեց նա առանց կանգ առնելու։ ― Մի սպա էր միայն մնացել։ Այն մեկը չէր, որ առավոտյան եկել էր այստեղ, երբ դու նստել էիր գնդացրի ետևը։ Սպանվածներից երկուսը սպա էին, տարբերանշանները տեսա։ Երևի մեկը առավոտվանն էր։ Սպանվածներին երեսնիվայր գցել էին թամբերի վրա, թևերը կախվել էին։ Սորդոյի maquina֊ն էլ էր թամբի վրա, գլուխների հետ։ Փողը ծռված էր։ Այսքան։ ―վերջացրեց։
 +
 +
― Այդքանն էլ բավական է, ― ասաց Ռոբերտ Ջորդանն ու բաժակը սուզեց գինու թասի մեջ։ ― Քեզանից բացի ո՞վ է եղել ռազմաճակատի գծի այն կողմը, Հանրապետությունում։
 +
 +
― Անդրեսը և Էլադիոն։
 +
 +
― Այդ երկուսից ո՞րն է ավելի լավ։
 +
 +
― Անդրեսը։
 +
 +
― Ինչքա՞ն ժամանակից նա կարող է հասնել Նավասեռադա։
 +
 +
― Առանց բեռի և զգույշ գնալու դեպքում՝ երեք ժամից։ Մենք ավելի երկար, բայց ապահով ճամփով եկանք, որովհետև պայթուցիկ էինք բերում։
 +
 +
― Իսկ հաստա՞տ կհասնի։
 +
 +
― No se, հաստատ ոչինչ չես կարող ասել։
 +
 +
― Իսկ եթե դու գնա՞ս։
 +
 +
― Ոչ էլ ես։
 +
 +
Ուրեմն ծերուկը կմնա այստեղ, որոշվեց, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Եթե ասեր, որ ինքը հաստատ կհասնի, հաստատ իրեն էլ կուղարկեի։
 +
 +
― Անդրեսը կարո՞ղ է քեզ պես անցնել ճանապարհը։
 +
 +
― Կարող է, նույնիսկ ավելի լավ։ Նա ավելի երիտասարդ է։
 +
 +
― Բայց այս անգամ նա պետք է անպայման տեղ հասնի։
 +
 +
― Եթե ոչ մի բան չպատահի, կհասնի։ Իսկ եթե պատահի․․․ Բոլորին էլ կարող է պատահել։
 +
 +
― Զեկուցագիր եմ ուղարկելու, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես կբացատրեմ, թե որտեղ կարող է գտնել գեներալին։ Նա պետք է գնա դիվիզիայի Estado Mayor:<ref>Շտաբ (իսպ․)։</ref>
 +
 +
― Դիվիզիա և այլն նա չի հասկանա, ― ասաց Անսելմոն։ ― Ես էլ եմ միշտ շփոթում։ Նրան պետք է գեներալի անունն ասես ու տեղը։
 +
 +
― Գեներալը դիվիզիայի Estado Mayor֊ում կլինի։
 +
 +
― Բայց դա որոշակի՞ տեղ է։
 +
 +
― Իհարկե որոշակի տեղ է, ծերուկ, ― համբերատարությամբ բացատրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ամեն անգամ, մինչև մարտն սկսելը, գեներալը նոր տեղ է ընտրում։ Այդ նոր տեղում էլ հաստատվում է շտաբը։
 +
 +
― Ուրեմն հիմա դա որտե՞ղ է։
 +
 +
Անսելմոն հոգնած էր, իսկ հոգնածությունը բթացրել էր նրան։ Բացի այդ, բրիգադ, դիվիզիա, բանակի կորպուս և նման բառերը շփոթ էին առաջացնում գլխում։ Մի ժամանակ զորասյուներ էին, հետո գնդեր, բրիգադներ։ Հիմա և՛ բրիգադ, և՛ դիվիզիա։ Ոչինչ չէր հասկանում։ Եթե տեղ է, ուրեմն որոշակի տեղ պետք է լինի, թե չէ ի՞նչ է դուրս գալիս։
 +
 +
― Հիմա հանգիստ լսիր, ծերուկ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա գիտեր, որ եթե չկարողանա Անսելմոյին հասկացնել, Անդրեսին երբեք չի կարողանա։ Դիվիզիայի Estado Mayor֊ը մի տեղ է, որտեղ գեներալը հաստատվում է, որպեսզի ռազմական գործողությունները ղեկավարի։ Նրա հրամանատարության տակ մի դիվիզիա է, որը բաղկացած է երկու բրիգադից։ Ես չգիտեմ, թե որտեղ է շտաբը, որովհետև մեր գալուց հետո են տեղը որոշել։ Հնարավոր է, որ տեղավորված լինի որևէ քարայրում, կամ ամրածածկ խրամատում, ապաստարանում։ Չորս կողմը լարեր են քաշված լինում։ Անդրեսը պետք է հարցնի, թե որտեղ է գեներալը, որտեղ է դիվիզիայի Estado Mayor֊ը։ Նա պետք է սա հանձնի գեներալին կամ նրա Estado Mayor֊ի պետին, կամ էլ նրան, ում անունը որ սրա վրա գրված կլինի։ Սրանցից մեկնումեկը տեղում կլինի, եթե մյուսները գնացած լինեն հարձակման նախապատրաստական աշխատանքներն ստուգելու։ Հիմա հասկացա՞ր։
 +
 +
― Այո։
 +
 +
― Ուրեմն գնա կանչիր Անդրեսին, իսկ ես գրեմ ու կնքեմ այս կնիքով։ ― Նա ցույց տվեց ՌՀԾ֊ի փոքրիկ, կլոր, փայտե կոթիկով կնիքն ու հիսունցենտանոց մետաղադրամի մեծությամբ թիթեղյա տուփի մեջ դրված թանաքի բարձիկը։ Դրանք միշտ գրպանում էր պահում։ ― Այս կնիքը որ տեսնեն, լրիվ կվստահեն։ Հիմա կանչիր Անդրեսին, որպեսզի բացատրեմ։ Պետք է շտապ տեղ հասցնի, բայց անհրաժեշտ է, որ լավ հասկանա անելիքը։
 +
 +
― Եթե ես հասկացա, նա էլ կհասկանա։ Բայց պետք է ավելի պարզ բացատրես։ Այդ շտաբներից ու դիվիզիաներից գլուխս կորցնում եմ։ Ինձ միշտ էլ որոշակի տեղ են ուղարկել, ասենք այսինչ տունը։ Նավասեռադայում հրամանատարը հին պանդոկում է։ Գուադառամայում՝ պարտեզի մեջ գտնվող մի տան մեջ։
 +
 +
― Այս գեներալը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― ռազմաճակատի գծին շատ մոտիկ մի տեղ է լինելու։ Գետնափորում կլինի, որպեսզի պատսպարվի ինքնաթիռների ռմբակոծություններից։ Անդրեսը կհարցնի ու հեշտությամբ կգտնի, միայն թե իմանա, թե ինչ է հարցնելու։ Այս գրությունս որ ցույց տա, բավական է։ Հիմա շուտ արա կանչիր, որովհետև սա շատ արագ պետք է տեղ հասցվի։
 +
 +
Անսելմոն քաշեց մուտքի ծածկոցն ու դուրս եկավ։ Ռոբերտ Ջորդանն սկսեց գրել նոթատետրում։
 +
 +
― Լսի՛ր, Ingles, ― ասաց Պաբլոն՝ նայելով ուղիղ գինու թասին։ ― Ընկճվելու կարիք չկա։ Առանց Սորդոյի մեր ունեցած մարդիկ լրիվ բավական են, կարող ենք և՛ պահակակետերը գրավել, և՛ քո կամուրջը պայթեցնել։
 +
 +
― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն ու շարունակեց գրել։
 +
 +
― Լրիվ բավական են, ― ասաց Պաբլոն։ ― Ես այսօր հիացա քո խոհեմությամբ, Ingles, ― ասաց Պաբլոն նայելով գինու թասին։ ― Ես կարծում եմ, որ դու շատ placardia<ref>Խորամանկություն (իսպ․):</ref> ունես։ Դու ինձանից ավելի խորամանկ ես։ Ես քեզ վստահում եմ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանի ուղեղը ամբողջովին կենտրոնացել էր Գոլցին ուղարկվելիք զեկուցագրի վրա։ Նա ջանում էր հնարավորին շատ քիչ բառեր օգտագործելով բացարձակապես համոզիչ ձևով ցույց տալ իրերի վիճակը, որպեսզի հարձակման օրը փոխեն, բայց և չմտածեն, որ նա հանձնարարության հետ կապված վտանգից վախենալու պատճառով է գրում դա, հասկանան, որ նա ուզում է պարզապես տեղյակ պահել իրադրությանը։
 +
 +
― Ingles, ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Գրում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն առանց հայացքը բարձրացնելու։
 +
 +
Երևի պետք է երկու օրինակով ուղարկեի, մտածեց նա։ Բայց որ երկուսին ուղարկեմ, եղած մարդիկ չեն հերիքի կամուրջը պայթեցնելու համար, եթե այնուամենայնիվ հարկ լինի պայթեցնել։ Ես ինչ իմանամ, թե այս հարձակումն ինչ նպատակ է հետապնդում։ Գուցե սոսկ զորախաղ է։ Գուցե այս ձևով փորձում են թշնամու զորքերը մյուս ճակատներից այս կողմ քաշել։ Թերևս հյուսիսի ինքնաթիռներն են ուզում այս կողմ քաշել։ Գուցե դրա համար է այս ամենը։ Թերևս ոչ մի հաջողության ակնկալիք էլ չունեն։ Ի՞նչ իմանամ։ Սա Գոլցին ուղղված իմ զեկուցագիրն է։ Ես կամուրջը չեմ պայթեցնի, մինչև հարձակումը չսկսվի։ Ինձ տրված հրամանը պարզ է, եթե հարձակումը չկայանա, ես ոչ մի բան չեմ պայթեցնելու։ Բայց մարդկանց, թեկուզ և նվազագույն, անհրաժեշտ մի քանակություն պետք է լինի, որպեսզի ես կարողանամ ինձ տրված հրամանը կատարել։
 +
 +
― Դու ի՞նչ էիր ասում, ― հարցրեց Պաբլոյին։
 +
 +
― Որ վստահում եմ քեզ, Ingles, ― ասաց՝ շարունակելով խոսքն ուղղել գինու թասին։
 +
 +
Եթե կարողանայի ես էլ նույնը ասել, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Նա շարունակեց գրել։
 +
 +
 +
==Գլուխ երեսուներորդ==
 +
 +
Այսպես․ այն ինչ արվելու էր այս իրիկուն, արվեց։ Հանձնարարությունները տվել եմ։ Յուրաքանչյուր մարդ ճշգրտորեն գիտի, թե ինչ է անելու առավոտյան։ Անդրեսն արդեն երեք ժամ է, որ գնացել է։ Հարձակումը կսկսվի լուսաբացին, կարող է և չսկսվել։ Կարծում եմ, որ կսկսվի, խոսում էր Ռոբերտ Ջորդանն ինքն իր հետ, երբ իջնում էր բարձունքի պահակակետից, ուր գնացել էր Պրիմիտիվոյին հանձնարարություններ տալու։
 +
 +
Հարձակումը ղեկավարում է Գոլցը, բայց նա իրավունք չունի հրամանը փոխելու։ Հրամանը փոխելու թույլտվությունը պետք է գա Մադրիդից։ Հիմա, գիշերով, դժվար թե կարողանան որևէ մեկին արթնացնել, արթնացնեն էլ՝ քնաթաթախ այդ մարդիկ հազիվ թե ընդունակ լինեն մտածելու։ Զեկուցագիրը շուտ պիտի ուղարկած լինեի Գոլցին, որպեսզի նա իմանար, որ հակառակորդը պատրաստվում է հակահարձակման, բայց մինչև չտեսնեի, թե ինչ է տեղի ունենում, ո՞նց ուղարկեի։ Երեկոյան մութն ընկնելուց հետո սկսեցին զենքը տեղափոխել։ Այնպես էին արել, որ ինքնաթիռները չնկատեն ճանապարհի վրա կատարվող շարժումը։ Բայց այդ դեպքում ինքնաթիռներն ի՞նչ էին նշանակում։
 +
 +
Մերոնք անշուշտ հաշվի առած կլինեն այս բանը։ Բայց թերևս ֆաշիստները դիմել են այդ միջոցին ձևացնելու համար, որ հարձակում են պատրաստում Գվադալախարի վրա։ Ըստ լուրերի, Սորիայում ու Սիգուենայում իտալական զորքեր են կենտրոնացվում, չհաշված հյուսիսում գործողները։ Երկու ճակատով խոշոր հարձակում սկսելու համար նրանք բավարար չափով ոչ զորք ունեն, ոչ էլ զինամթերք։ Այդ մեկն անկարելի է․ ուրեմն պարզապես բլեֆ է։
 +
 +
Բայց մենք գիտենք, թե վերջին երկու ամիսներին ինչքան զորք են ցամաք հանել Կադիսում։ Հնարավոր է, որ նրանք նորից հարձակման փորձ ունեն Գվադալախարում, իհարկե ոչ այնպես հիմարավարի, ինչպես նախորդ անգամ, այլ երեք զուգահեռ գծերով՝ գրավելով բարձրավանդակի երկաթուղու երկարությամբ ձգվող տերիտորիայի արևմտյան մասը։ Դա հնարավոր է գլուխ բերել։ Հանսը իրեն ցույց էր տվել, թե ինչպես։ Նրանք առաջին անգամ բազմաթիվ սխալներ էին թույլ տվել։ Հիմնավոր չէր ամբողջ մտահղացումը։ Արգանդայի վրա կատարվող հարձակման ժամանակ, երբ պետք էր Մադրիդ֊Վալենսիա ճանապարհը կտրել, նրանք Գվադալախարայի զորքերը չօգտագործեցին։ Ինչո՞ւ երկու ուղղությամբ և միաժամանակ չսկսեցին գործողությունները։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Ե՞րբ պիտի իմանանք, թե ինչու։
 +
 +
Ու մենք մեկ և նույն զորքով երկու հարձակումն էլ կասեցրինք։ Եթե նրանք երկու գործողությունները միաժամանակ սկսեին, չէինք կարողանա կասեցնել։ Դե շատ մի մտածիր, ասաց ինքն իրեն։ Հիշիր՝ այնքան հրաշքներ են եղել մինչև օրս։ Հիմա կամ կպայթեցնես այդ կամուրջը, կամ չես պայթեցնի։ Բայց ինքդ քեզ մի խաբիր, թե իբր կարող է վերանալ պայթեցնելու անհրաժեշտությունը։ Պայթեցնելու ես, մի օր չէ մի օր պայթեցնելու ես։ Եթե սա էլ չլինի, մի ուրիշ կամուրջ ես պայթեցնելու։ Դու որոշումներ ընդունող չես, դու հրամաններ կատարող ես։ Կատարի՛ր ու մի՛ փորձիր հասկանալ, թե ինչ է թաքնված նրանց ետևում։
 +
 +
Այս հրամանը շատ հստակ է։ Չափից ավելի հստակ։ Բայց դու չպետք է անհանգստանաս, ոչ էլ վախենաս, որովհետև եթե դու քեզ թույլ տաս այնպիսի մի շռայլություն, որպիսին վախի բնական զգացումն է, կարող ես վախով վարակել քո գործընկերներին։
 +
 +
Բայց որ մարդկանց գլխատել են, դա արդեն ամեն ինչից դուրս բան է, ասաց ինքն իրեն։ Ծերուկն էլ գնացել ու սարի գլխին մեն֊մենակ կանգնել է այդ գլխատված դիակների մոտ։ Եթե դու լինեիր նրա տեղը, ո՞նց կզգայիր քեզ։ Ահավոր կազդվեիր։ Այո, Ջորդան, ահավոր կազդվեիր։ Այսօր դու արդեն մի քանի անգամ առիթ ունեցար խռովահույզ պահեր ապրելու։ Բայց դու քեզ լավ պահեցիր։ Առայժմ քեզ լավ ես պահել, ոնց որ պետք է։
 +
 +
Քո պահվածքը լրիվ համապատասխանում է Մոնտանայի համալսարանի իսպաներենի դասատուին ներկայացվող պահանջներին, ձեռ առավ իրեն։ Լավ ես։ Բայց հանկարծ չմտածես, թե ինչ֊որ առանձնահատուկ բան ես։ Այնքան էլ ակնառու հաջողությունների չես հասել այս գործում։ Հիշիր թեկուզ Դյուրանին, որը ոչ մի զինվորական գիտելիք չի ունեցել մինչև այս պատերազմը, եղել է կոմպոզիտոր, քաղաքի տղա, իսկ հիմա արդեն բրիգադի հրամանատար է։ Զինվորական գործի յուրացումը նրա համար այնքան պարզ ու հեշտ է եղել, ինչքան վունդերկինդի համար շախմատը։ Իսկ դու մանկուց կարդացել ես, սովորել ռազմական գործը, դեռևս պապդ է քեզ մղել այդ գործին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից դեպքեր պատմելով։ Թեև պապդ խռովություն էր ասում դրան և ոչ թե պատերազմ։ Բայց եթե քեզ համեմատենք Դյուրանի հետ, դու ընդամենը ուժեղ շախմատիստ ես, իսկ նա վունդերկինդ է։ Է՜, Դյուրա՛ն, ծերո՛ւկ։ Լավ կլիներ նորից տեսներ Դյուրանին։ Այս գործը որ վերջանա, կտեսնի Գեյլորդում։ Այո՛։ Այս գործը վերջանա։ Տեսնո՞ւմ ես ինչքան լավ է իրեն պահում։
 +
 +
Կտեսնեմ նրան Գեյլորդում, նորից ասաց ինքն իրեն, երբ այս գործը վերջանա։ Ինքնախաբեությամբ մի՛ զբաղվիր։ Դյուրանին դու այլևս երբեք չես տեսնի, և դա կարևոր էլ չէ։ Բայց այս ձևով մտածելն էլ մի բան չէ։ Ոչ սա է պետք, ոչ էլ մյուս շքեղությունը։
 +
 +
Ոչ էլ հերոսական անձնուրացության կարիք կա։ Հերոսական անձնուրացությամբ համակված քաղաքացիների կարիքը չկա այս սարերում։ Մեր քաղաքացիական պատերազմում պապդ չորս տարի կռվել է, դու դեռ մի տարին էլ չես բոլորել։ Դու դեռ շատ երկար ճանապարհ ունես ունես անցնելու, գործ էլ ունես՝ իսկական քեզ համար։ Հիմա քո կողքին է նաև Մարիան։ Այնպես որ՝ ամեն ինչ ունես։ Տագնապելու կարիք չկա։ Իսկ եթե պարտիզանական ինչ֊որ խումբ բախվել է հեծելազորային ինչ֊որ վաշտի, ի՞նչ նշանակություն ունի։ Ոչ մի։ Գլխատել են։ Հետո ի՞նչ։ Սպանվածների վիճակը դրանից փոխվե՞ց։ Բոլորովին։
 +
 +
Երբ պապս պատերազմից հետո Կիրնիի ամրոցում ծառայելիս է եղել, այնտեղ հնդկացիներն իրենց հակառակորդների գլուխները միշտ մաշկել են։ Հիշո՞ւմ ես հորդ գրասենյակը, պահարանը, որի դարակներին նետերի սլաքներ էին դարսված, հետո պատերից կախված ռազմի գլխարկները՝ զարդարված արծվի փետուրներով, եղջերվի մորթուց կարված շալվարներից, բաճկոններից ու հուլունքակար մոքասիներից փչող ծխահոտը։ Հիշո՞ւմ ես գրաասենյակի անկյունում դրված փայտյա մեծ աղեղը, որով բիզոնների որսի են գնում, ռազմական ու որսի նետերի այն երկու կապարճները և զգացողությունը, որ ունենում էիր, երբ նետերի տրցակն առնում էիր ափիդ մեջ։
 +
 +
Նման բաներ հիշիր։ Կոնկրետ մի բան, հիշիր որևէ առարկա։ Հիշիր պապի սուսերը պսպղուն, լավ յուղած, և այն, որ պապը ցույց էր տալիս հեսանելուց բարակած շեղբը։ Հիշիր պապի «Սմիթ֊Վենսոն»֊ը։ Երեսուներկու տրամաչափի սպայական մի ատրճանակ, առանց ապահովիչի։ Ձգանն այնքան փափուկ էր գնում, միշտ լավ յուղած էր, փողը մաքուր, երկար տարիներ պատյանի կաշվե պատերին քսվելուց՝ մետաղը ողորկ֊ողորկ էր դարձել։ Միշտ պատյանի մեջ էր, կափույրի վրա Մ․ Ն․ էր դրոշմված, պահարանի դարակում զենքի մաքրման իրերի հետ դրված էին նաև երկու հարյուր փամփուշտ։ Փամփուշտների խավաքարտե տուփերը փաթաթված էին թղթով և կապված մոմած թելով։
 +
 +
Քեզ թույլ էր տրված ատրճանակը հանել դարակից և պահել ափիդ մեջ։ «Համարձակ պահիր», ասում էր պապը։ Բայց խաղալու իրավունք չունեիր, որովհետև «դա իսկական զենք էր»։
 +
 +
Մի անգամ պապին հարցրեցիր, թե նա երբևէ դրանով որևէ մեկին սպանե՞լ է, և նա ասաց․ «Այո»։
 +
 +
Հետո դու ասացիր․ «Ե՞րբ, պապ», և նա ասաց․ «Խռովարարների պատերազմի ժամանակ, հետագայում նույնպես»։
 +
 +
Դու ասացիր․ «Կպատմե՞ս ինձ, պապ, դրա մասին»։
 +
 +
Եվ նա ասաց․ «Չեմ սիրում դրա մասին խոսել, Ռոբերտ»։
 +
 +
Հետագայում, երբ հայրդ ինքնասպանություն գործեց այդ ատրճանակով և դու ուսման վայրից տուն եկար, թաղման արարողությունից հետո քննիչն ատրճանակը վերադարձրեց քեզ ու ասաց․ «Բոբ, ինձ թվում է, որ դու կուզենայիր պահել այս զենքը։ Ես պետք է ինձ մոտ թողնեի, բայց գիտեմ, որ հայրիկիդ համար դա շատ թանկ է եղել, քանի որ դրանով նրա հայրիկն անցել է ամբողջ պատերազմն ու դրանով էլ, հեծելազորի գլուխն անցած, եկել է այստեղ, բացի այդ, լավ էլ զենք է տակավին։ Այսօր կեսօրից հետո փորձել եմ։ Ճիշտ է, այնքան էլ հեռու չի կրակում, բայց էլի ինչ֊որ բան կարելի է խփել դրանով»։
 +
 +
Հիշեց, թե ինչպես վերցրեց ատրճանակը և նորից դրեց դարակը, նախկին տեղը, բայց հաջորդ օրը հանեց և ձին հեծած Չաբի հետ գնացին սարերը՝ Ռեդ֊Լոջ, որտեղով հիմա Արջի ժանիք բարձրավանդակից եկող ճանապարհն է անցնում և անդունդի վրայով գնում դեպի Քուք֊Սիթի։ Այնտեղ, սարերի մեջ, ուր միշտ թեթև քամի է լինում և ամբողջ ամառ մնում է ձյունը, կանգ առավ լճափին, Չաբը ձիերը պահեց, ինքը բարձրացավ մի ժայռի վրա, կռացավ, նայեց լճին, որի խորությունն ասում են, թե ութ հարյուր ոտնաչափ է, նայեց մուգ կանաչ հանդարտ ջրերին, տեսավ իր դեմքը, տեսավ ինքն իրեն՝ զենքը ձեռքին, հետո ատրճանակի փողից բռնեց ու գցեց ցած և տեսավ, թե ինչպես պղպղջակներ բարձրացնելով այն սուզվեց, փոքրացավ, դարձավ կախազարդի չափ ու անհետացավ։ Ժայռից իջավ, նստեց թմբին ու այնպես ասպանդակեց պառավ Բեսին, որ կենդանին սկսեց ձիուկ֊ճոճանակի նման գավակը վեր֊վեր գցել։ Հետո քշեց լճափով, քշեց այնքան ժամանակ, մինչև ձին խաղաղվեց ու բռնեցին տան ճամփան։
 +
 +
― Ես գիտեմ, թե դու ինչու այդպես վարվեցիր, Բոբ, ― ասաց Չաբը։
 +
 +
― Դե լավ է, ուրեմն այդ մասին չենք խոսի, ― պատասխանեց ինքը։
 +
 +
Հետագայում երբեք չէին խոսել այդ մասին, պապի անձնական զենքերից մնացել էր միայն սուսերը, որը մինչև հիմա էլ մյուս իրերի հետ պահում է Միսուլայում։
 +
 +
Տեսնես ի՞նչ կասեր պապը այսպիսի իրադրությունում, մտածում էր նա։ Բոլորն էլ ասում են, որ պապը հիանալի զինվոր է եղել։ Ասում են՝ եթե նա Կաստերի կողքին լիներ այդ օրը, չէր թողնի, որ Կաստերն այդպես խայտառակ ձևով խաբվեր։ Ինչպե՞ս չի նկատել նա Լիթլ֊Բիգ֊Հորնի երկայնքին փորված խրամատների վրա բարձրացող ծուխը, փոշին, դա չէր նկատվի միայն թանձր մառախուղի ժամանակ։ Բայց այդ օրը մառախուղ չի եղել։
 +
 +
Պիտի ուզենայի, որ հիմա իմ տեղը պապը լիներ։ Լա՜վ, վաղը գիշեր իրար հետ ենք լինելու։ Եթե հանդերձյալ կյանք կոչված ցնդաբանությունը գոյություն ունի, իսկ ես կարծում եմ, որ գոյություն չունի, մտածեց նա, մեծ սիրով պիտի ուզենայի հետը զրուցել։ Որովհետև շատ բաներ կան, որ կուզենայի գիտենալ։ Հիմա ես իրավունք ունեմ նրան հարցեր տալու, որովհետև ինքս էլ նույն տիպի գործեր եմ անում։ Կարծում եմ, որ նա հիմա կպատասխանի իմ հարցերին։ Առաջ ես իրավունք չունեի հարցեր տալու։ Ես նրան հասկանում եմ, նա շատ բան ինձ չէր պատմում, որովհետև չէր ճանաչում։ Բայց հիմա մենք իրար լավ կհասկանանք։ Պիտի ուզենայի խոսել հետը և խորհուրդներ առնել։ Գրողը տանի, խորհուրդ էլ չտա, գոնե կխոսեմ, թեկուզ հենց այնպես։
 +
 +
Հետո տարված այս մտքերով, նա հիշեց, որ եթե այդ հանդիպումը տեղի ունենա, և՛ ինքը, և՛ պապը շատ անհարմար են զգալու հոր ներկայությամբ։ Ամեն մարդ էլ իրավունք ունի այդպես վարվելու, մտածեց նա։ Բայց դա անելու բան չէ։ Ես հասկանում եմ, բայց հավանություն չեմ տալիս։ Lache<ref>Վախկոտ (ֆր․)։</ref> ― սա է դրա բնորոշումը։ Բայց դու իսկապե՞ս հասկանում ես։ Անշուշտ հասկանում եմ, բայց․․․ Այո, բայց։ Այդպիսի բան անելու համար պետք է ուղեղդ միայն ու միայն քեզանով զբաղված լինի։
 +
 +
Գրողը տանի, ո՜նց եմ ուզում, որ պապն այստեղ լիներ, մտածեց նա։ Գոնե մի ժամով։ Գուցե այն մի քիչը, որ կա իմ մեջ, նա փոխանցել է ինձ այն մեկի միջոցով, որը սխալ կիրառեց զենքը։ Գուցե դա է մեր միակ կապը։ Գրողի ծոցն այդ ամենը։ Գրողի ծոցը, ինչո՞ւ էր մեր տարիքային տարբերությունն այդքան մեծ, որ ես հնարավորություն չունեցա նրանից սովորելու այն, ինչ չկարողացավ տալ մյուսը։ Բայց կարող էր և պատերազմի չորս տարիներին ու հնդկացիների դեմ մղած կռիվների ժամանակ զսպված, հետո նաև հաղթահարված վախը (թեև այնքան էլ սարսափելի բաներ չեն եղել այդ օրերին) պապից փոխանցվել մյուսին, դարձնել նրան cobarde, ինչպես համարյա միշտ լինում է ցլամարտիկների երկրորդ սերնդի հետ։ Կարո՞ղ էր այդպես լինել։ Ո՞վ իմանա, գուցե վերստին դրսևորվելու համար առողջ կորիզը պետք է անցներ այն մեկի միջով։
 +
 +
Երբեք չեմ կարողանում մոռանալ, թե ինչքան վատ զգացի առաջին օրերին, երբ ինձ համար պարզ դարձավ, որ նա cobarde է։
 +
 +
Անգլերեն ասա։ Ասա վախկոտ։ Ասա՛ ու թեթևացիր և բոլորովին էլ կարիք չկա մի շանորդու համար օտար բառեր որոնելու։ Բայց նա շանորդի չէր։ Նա պարզապես վախկոտ էր, իսկ մարդու համար դրանից մեծ դժբախտություն չի կարող լինել։ Որովհետև եթե նա վախկոտ չլիներ, չէր խեղճանա այդ կռվարար կնոջ առաջ ու թույլ չէր տա, որ քթից բռնած ման ածեն իրեն։ Տեսնես ես ինչպիսի՞ն կլինեի, եթե նա ուրիշ կնոջ հետ ամուսնացած լիներ։ Դու դա երբեք չես իմանա, մտածեց նա ու քմծիծաղեց։ Գուցե այդ կնոջ կռվարարությունը լրացրել է այն, ինչ պակասում էր նրա մեջ։ Նաև քո մեջ։ Լավ, շատ մի շտապիր։ Առողջ կորիզի ու նման բաների մասին այդ զրույցներն առայժմ մի կողմ դիր, վաղը կերևա, թե դու ինչ ես։ Գոռոզանալու համար դեռ շատ շուտ է։ Ասենք հետագայում էլ կարիք չկա։ Վաղը կտեսնենք, թե դու ինչ կորիզից ես։ Նա նորից սկսեց մտածել պապի մասին։
 +
 +
«Ջորջ Կաստերը հեծելազորի խելացի հրամանատար չէր, Ռոբերտ», ասել էր պապը։ «Նա առհասարակ խելացի չէր»։
 +
 +
Հիշեց, որ երբ պապն այդպես ասաց, ինքը վատ զգաց․ ինչպե՞ս կարելի էր նման բան ասել մարդու հասցեին, որի անհոյզերբուշյան վիմադիր նկարը կախված էր Ռեդ֊Լոջի բիլիարդի սրահում՝ հագին կաշվե բաճկոն, խարտյաշ գանգուրները քամուն տված և մեն֊մենակ կանգնած հնդկացիների Սիու ցեղի դեմ։
 +
 +
«Նրա ամբողջ շնորհքը ծանր վիճակների մեջ ընկնելն ու դրանցից դուրս գալն էր», շարունակել էր պապը։ «Բիգ֊Լիթլ֊Հորնում էլ այդպես ընկավ, բայց չկարողացավ դուրս գալ»։
 +
 +
«Ինչ վերաբերում է Ֆիլ Շերիդանին, նա խելացի մարդ էր, նմանապես և Ջեբ Ստյուարտը։ Իսկ Ջոն Մոսբին հեծելազորի հիանալի հրամանատար էր, այդպիսին չի եղել»։
 +
 +
Միսուլայում իր իրերի սնդուկի մեջ կար մի նամակ՝ գեներալ Ֆիլ Շերիդանից ծերուկ «Ձին սպանեց» Կիլպատրիկին, այնտեղ գրված էր, որ իր պապն անկանոն հեծելազորի ավելի լավ հրամանատար էր, քան Ջոն Մոսբին։ Պետք էր Գոլցին պատմել պապի մասին, մտածեց։ Պապիս անունը նա երևի չի էլ լսել։ Հավանական է, որ նույնիսկ Մոսբիինը լսած չլինի։
 +
 +
Անգլիացիները գիտեն, որովհետև նրանք շատ ավելի լավ են ուսումնասիրել մեր քաղաքացիական պատերազմը, քան ցամաքամասի մյուս ժողովուրդները։ Կարկովն ասում էր, որ պատերազմի ավարտից հետո, եթե ուզեմ, կարող եմ գնալ և ուսանել Լենինի ինստիտուտում։ Կարող եմ գնալ նաև կարմիր բանակի ռազմական ակադեմիան, եթե ցանկանամ։ Տեսնես պապն ի՞նչ կասեր դրան։ Պապը, որն իր ողջ կյանքում ոչ մի դեմոկրատի հետ երբեք սեղան չէր նստել։
 +
 +
Չէ, զինվոր լինել չեմ ուզում, մտածեց նա։ Այդ մեկը հաստատ է։ Ուրեմն դա բացառվում է։ Իմ ուզածն այն է, որ մենք այս պատերազմում հաղթենք։ Ես կարծում եմ, որ իսկապես լավ զինվորը ուրիշ գործի համար շատ հազվադեպ է իսկապես լավ լինում, մտածեց նա։ Բացահայտ սխալ կարծիք է։ Հիշիր Նապոլեոնին, Վելինգտոնին։ Այս իրիկուն շատ ես հիմարացել, ասաց ինքն իրեն։
 +
 +
Սովորաբար ինքն իր մտքերի հետ լավ ընկերակցության մեջ էր լինում, այս գիշեր էլ այդպես էր, քանի դեռ պապի մասին էր մտածում։ Բայց երբ հորը մտաբերեց, հունից դուրս եկավ։ Նա հասկացել էր հորը, ներել էր ամեն ինչ ու խղճացել էր նրան, բայց ամաչում էր։
 +
 +
Ավելի լավ է բոլորովին չմտածես, ասաց ինքն իրեն։ Շուտով Մարիայի հետ կլինես և այլևս չես մտածի։ Հիմա որ արդեն ամեն ինչ վճռված է, լավագույն բանը չմտածելն է։ Երբ մտքերդ մի բանի վրա կենտրոնանում են, կասեցնել այլևս չես կարողանում, պտտվում են ինչպես անջատված շարժիչի թափանիվը։ Ավելի լավ է չմտածես։
 +
 +
Բայց արի ենթադրենք, մտածեց նա։ Ենթադրենք, որ ինքնաթիռները ռումբերը կթափեն հակատանկային հրանոթների վրա ու գրողի ծոցը կուղարկեն դրանց և մեր տանկերը դուրս կգան ու կշարժվեն սարերի վրայով, և Գոլցը կհետապնդի թշնամուն՝ անցած Տասնչորսերորդ բրիգադի գլուխը, որ կազմված է հարբեցողներից, clochard֊ներից,<ref>Շրջմոլիկ֊մուրացիկ (ֆր․)։</ref> ֆանատիկոսներից ու հերոսներից, ի հակադրություն Գոլցի մյուս բրիգադի՝ Երկրորդի, որտեղ հիանալի տղաներ են, ճանաչում եմ նրանց, հրամանատարն էլ Դյուրանն է։ Եվ վաղը երեկոյան կլինենք Սեգովիայում։
 +
 +
Այո։ Ենթադրենք, որ այդպես էլ կլինի։ Կգնամ Լա Գրանխա, մտածեց նա։ Բայց դու պիտի կամուրջը պայթեցնես։ Եվ նա հանկարծ շատ պարզ պատկերացրեց իրական վիճակը։ Ո՛չ, հարձակումը չի հետաձգվի։ Չի հետաձգվի, որովհետև հարձակման որոշումն ընդունողները քո այդ ենթադրություններով են առաջնորդվել։ Այո, կամուրջը պայթեցնելու ես։ Նա հիմա արդեն համոզված էր։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ կպատահի Անդրեսին։
 +
 +
Խավարի մեջ նա մենակ իջնում էր արահետով, գոհ էր, որ ամեն ինչ արված է և հիմա չորս ժամ ազատ է լինելու, գոհ էր, որ վերստին կոնկրետ բաների մասին է սկսել մտածել, և այն մտքից, թե կամրջի պայթեցումը հաստատ տեղի է ունենալու, նրա վրա նույնիսկ հանգստություն իջավ։
 +
 +
Անդրեսի միջոցով Գոլցին զեկուցագիր ուղարկելուց հետո անորոշության մի զգացում էր պատել նրան, այնպիսի վիճակում էր, ինչպես լինում է այն ժամանակ, երբ ամսաթիվը շփոթելով ընկնում ես կասկածների մեջ, չգիտես հյուրերը երեկույթին կգան թե ոչ։ Այդ վիճակից այժմ արդեն դուրս էր եկել։ Հիմա նա հաստատ գիտեր, որ տոնակատարությունը չի հետաձգվելու։ Լավ է, երբ հաստատ գիտես, մտածեց նա։ Միշտ էլ, երբ հաստատ գիտես, ավելի լավ է։
 +
 +
 +
==Գլուխ երեսունմեկերորդ==
 +
 +
Եվ ահա նորից ուշ գիշեր էր և նորից իրար հետ ննջապարկի մեջ էին։ Մարիան հպվել էր նրան, և նա զգում էր աղջկա ազդրերի երկարուն ողորկությունը, կրծքերը, որ կարծես երկու փոքրիկ բլուրներ լինեին դաշտում, որտեղ մի աղբյուր կա, իսկ բլուրներից այն կողմ պարանոցի հովիտն է, հետո գալիս են շրթունքները։ Ռոբերտ Ջորդանը անշարժ պառկել էր ու ոչ մի բանի մասին չէր մտածում, իսկ աղջիկը գլուխն էր շոյում։
 +
 +
― Ռոբերտ, ― ասաց Մարիան շատ ցածր ձայնով ու համբուրեց նրան։ ― Աղաչում եմ։ Ես չեմ ուզում քեզ վշտացնել, բայց ցավում է, շատ է ցավում։ Երևի այս գիշեր լավ չզգաս ինձ հետ։
 +
 +
― Այդ ցավը միշտ էլ լինում է, ― ասաց նա։ ― Ոչինչ, նապաստակ, դատարկ բան է։ Մենք էլ այնպիսի բան չենք անի, որ ցավեցնի։
 +
 +
― Այդ չէ։ Այն է, որ ես չեմ կարող քեզ հետ այնպես լինել, ինչպես ուզում եմ։
 +
 +
― Կարևոր չէ։ Կանցնի։ Պառկա՞ծ ենք կողք֊կողքի, դա արդեն ամեն ինչ է։
 +
 +
― Այո, բայց ամաչում եմ։ Երևի դա այն ժամանակից է գալիս, երբ այնպիսի բաներ արեցին ինձ։
 +
 +
― Արի չխոսենք այդ մասին։
 +
 +
― Ես էլ չեմ ուզում խոսել։ Բայց ցավալի է, որ հենց այս գիշեր այսպես եղավ, ասում եմ, որպեսզի իմանաս, թե ինչու չեմ կարող։
 +
 +
― Լսի՛ր, նապաստակ, ― ասաց նա։ ― Այդ բոլորը կանցնեն, և շուտով ամեն ինչ լավ կլինի։ ― Սակայն մտածում էր, որ լավ չեղավ այսպես՝ վերջին գիշերով։
 +
 +
Հետո ամաչեց իր մտքերից և ասաց․
 +
 +
― Մոտ պառկիր, նապաստակ, հպվիր ինձ։ Երբ հպվում ես ինձ խավարում, ես այն նույն զգացողությունն եմ ունենում, ինչ քեզ հետ սեր անելիս։
 +
 +
― Ես շատ եմ ամաչում, որովհետև մտածում էի, որ այս գիշեր էլ այնպես կլինի, ինչպես Սորդոյի մոտից վերադառնալիս եղավ՝ սարալանջին։
 +
 +
― Que va, ― ասաց նա։ ― Այդպես ամեն օր չի լինում։ Այսպես էլ է լավ։ ― Ստում էր, ջանում էր թաքցնել հուսախաբությունը։ ― Մենք հանգիստ կողք֊կողքի կպառկենք ու կքնենք։ Արի զրուցենք։ Ես քեզ շատ քիչ եմ լսել։ Զրուցենք։
 +
 +
― Ինչի՞ մասին զրուցենք, վաղվա՞, քո գործի՞։ Այնպես կուզեի իմանալ քո գործը։
 +
 +
― Ոչ, ― ասաց նա և մարմինը լրիվ թուլացրած հանգիստ պառկեց ննջապարկում, ձախ թևը մտցրեց աղջկա գլխի տակ և այտը հպեց ուսին։ ― Ամենախելացի բանն այն կլինի, որ մենք ոչ վաղվա մասին խոսենք, ոչ էլ այսօրվա դեպքի։ Այս գործում կորուստների մասին դատողություններ չեն անում, իսկ այն ինչ արվելու է վաղը, պետք է արվի։ Չե՞ս վախենում։
 +
 +
― Que va, ― ասաց աղջիկը։ ― Ես միշտ էլ վախեցած եմ։ Բայց հիմա այնքան եմ քեզ համար վախենում, որ ինձ մոռացել եմ։
 +
 +
― Պետք չէ, նապաստակ։ Ես այսպիսի բաներ շատ եմ տեսել։ Սրանից վատերն էլ են եղել, ― ստեց նա։ Հետո հանկարծ, հանձնվելով պատրանքի հեշտանքին, ասաց․ ― Արի խոսենք Մադրիդից, խոսենք ինչեր ենք անելու այնտեղ։
 +
 +
― Լավ, ― ասաց աղջիկը, հետո թե․ ― Ռոբերտո, ցավում եմ, որ ես այսօր այսպես եմ։ Ուրիշ բան չե՞մ կարող անել քեզ համար։
 +
 +
Նա շոյեց աղջկա գլուխն ու համբուրեց նրան, հետո հանգիստ պառկեց և ականջ դրեց գիշերային լռությանը։
 +
 +
― Խոսիր Մադրիդի մասին, ― ասաց և մտածեց․ ես այս խոսակցությունը կհիշեմ, և վաղը սա ինձ պետք կգա։ Վաղն ինձ ամեն ինչ, ամեն ինչ, որ ունեմ, պետք են գալու։ Նույնիսկ այս ասեղնատերևները։
 +
 +
Հետո նորից հանձնվեց պատրանքի հեշտանքին, և դա նման էր սիրահարների գիշերային լուռ մերձեցման, երբ ոչ թե փոխըմբռնում կա, այլ լոկ հեշտանք։
 +
 +
― Սիրելիս, ― ասաց նա ու համբուրեց աղջկան։ ― Լսիր, թե ինչ եմ ասում։ Երեկ գիշեր մտածում էի, որ ինչպես Մադրիդ հասնելուց հետո քեզ կթողնեմ հյուրանոցում և կգնամ հանդիպելու ռուս տղաներին։ Հիմա տեսնում եմ, որ դա անհեթեթություն է։ Ոչ մի հյուրանոցում էլ չեմ թողնի ես քեզ։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Դու միշտ ինձ հետ կլինես։ Ես քեզ ոչ մի վայրկյան մենակ չեմ թողնի։ Իրար հետ կգնանք Սեգուրիդադ, փաստաթղթերս կվերցնենք, հետո կգնանք քեզ համար շորեր գնելու։
 +
 +
― Ինձ շատ բան պետք չէ, ինքս էլ կարող եմ գնել։
 +
 +
― Ոչ, պետք է, և շատ, մենք կգնենք ամենալավ հագուստները, դու դրանց մեջ գեղեցկուհի կդառնաս։
 +
 +
― Ես կնախընտրեի հյուրանոցում մնալ և աշխատողներից մեկին ուղարկել հագուստներ բերելու։ Այդ հյուրանոցը որտե՞ղ է։
 +
 +
― Պլասա Դել Կալլաոյի վրա։ Մենք մեր ժամանակի մեծ մասը հյուրանոցում կանցկացնենք։ Այնտեղ՝ համարում, մի մեծ մահճակալ կա, մաքուր սավաններով, լողասենյակում տաք ջուր, սենյակում երկու պահարան, մեկի մեջ քո իրերը կտեղավորենք, մյուսի մեջ՝ իմ։ Համարի բարձր ու լայն պատուհանները կարելի է բացել և նայել դուրս, գարնանային փողոցին։ Ես գիտեմ մի քանի տեղ, ճիշտ է, օրենքով արգելված, որտեղ լավ ուտելիքներ են լինում, գիտեմ նաև խանութներ, որտեղ դեռևս կարելի է գինի ու վիսկի ձեռք բերել։ Համարում ուտելու բաներ կպահենք, որպեսզի սովածանալիս դեսուդեն չընկնենք, ինձ համար վիսկի կառնեմ, իսկ քեզ համար՝ մանսանիլլա։
 +
 +
― Ես ուզում եմ վիսկի փորձել։
 +
 +
― Բայց գիտե՞ս, որ վիսկի ճարելը շատ դժվար է, իսկ մանսանիլլա դու սիրում ես։
 +
 +
― Լավ, Ռոբերտո, վիսկին պահիր, ― ասաց նա։ ― Ա՜խ, ոնց եմ սիրում քեզ։ Սիրում եմ քեզ, քո վիսկին, որը խնայում ես ինձնից։ Ինչ խոզն ես։
 +
 +
― Լավ, կտամ, փորձիր։ Բայց դա կնոջ համար չէ։
 +
 +
― Եվ ես, ըստ քեզ, մինչև օրս այնպիսի բաներ եմ ճաշակել, որոնք կնոջ համար են եղել, ― ասաց Մարիան։ ― Հետո, հարսանեկան այս նույն շապիկո՞վ եմ լինելու անկողնում։
 +
 +
― Ո՛չ։ Քեզ համար նոր գիշերանոցներ կգնեմ, պիժամաներ, գուցե դու գերադասում ես պիժամա՞ն։
 +
 +
― Գնելու եմ հարսնության յոթ շապիկ, ― ասաց աղջիկը։ ― Շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար մեկը։ Հարսնական մի շապիկ էլ քեզ համար կգնեմ։ Դու քո շապիկը երբևէ լվանո՞ւմ ես։
 +
 +
― Երբեմն։
 +
 +
― Այնպես կանեմ, որ ամեն ինչ մաքուր լինի, վիսկի կլցնեմ բաժակիդ մեջ ու ջուր կավելացնեմ, ոնց որ Սոորդոյի մոտ էիր անում։ Ձիթապտուղ կճարեմ, աղած ձողաձուկ ու աղած կաղին, որպեսզի վիսկիի վրայից ուտես, և ամիսը կանցնի ու մենք համարից դուրս չենք գա։ Եթե միայն կարողանամ քեզ հետ այնպես լինել, ինչպես պետք է, ― ասաց նա հանկարծ տխրելով։
 +
 +
― Դատարկ բան է դա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկապես դա դատարկ բան է։ Երևի վերք է եղել, հետո սպիացել է, հիմա նորից սկսել է ցավել։ Լինում է այդպես։ Կանցնի։ Իսկ եթե լուրջ բան է, Մադրիդում լավ բժիշկներ կան։
 +
 +
― Բայց մինչև հիմա լավ էր, ― գանգատվեց նա։
 +
 +
― Ուրեմն նորից լավ կլինի։
 +
 +
― Որ այդպես է, արի նորից Մադրիդի մասին խոսենք։ Աղջիկն իր ոտքերը փարեց նրա ոտքերին և գլուխը հպեց ուսին։ ― Բայց ես տգեղ եմ այսպես, խուզած գլխով, դու չե՞ս ամաչի ինձ հետ դուրս գալ։
 +
 +
― Ոչ։ Դու սիրուն ես։ Շատ սիրուն դեմք ունես, գեղեցիկ մարմին, երկար, թեթև, իսկ մաշկդ ողորկ է, մուգ ոսկեգույն, ով քեզ տեսնի, փորձելու է խլել ինձանից։
 +
 +
― Que va, ինձ քեզանից խլե՞ն, ― ասաց աղջիկը։ ― Մինչև մահ ինձ ոչ մի տղամարդ ձեռք չի տա։ Ինձ քեզանից խլե՜ն։
 +
 +
― Բայց կփորձեն շատերը։ Կտեսնես։
 +
 +
― Երբ տեսնեն ինչպես եմ սիրում քեզ, կհասկանան, որ ինձ քեզանից խլելը նույնն է, ինչ ձեռքն հալած արճճի կաթսայի մեջ մտցնելը։ Իսկ դո՞ւ։ Եթե քո շրջանակի կրթված կանանց հանդիպես, չե՞ս ամաչի, որ ինձ հետ ես։
 +
 +
― Երբեք։ Ես քեզ հետ ամուսնանալու եմ։
 +
 +
― Լավ, եթե ուզում ես, ― ասաց աղջիկը։ ― Բայց որ մեզ մոտ հիմա եկեղեցիներ չկան, երևի դա արդեն կարևոր չէ։
 +
 +
― Ես ուզում եմ, որ մենք ամուսնանանք։
 +
 +
― Լավ, եթե ուզում ես։ Բայց իսկապես, եթե պատահի, որ գնանք մի երկիր, որտեղ տակավին եկեղեցիներ կան, թերևս կարողանանք ամուսանանալ, հա՞։
 +
 +
― Իմ երկրում եկեղեցին մնում է տակավին, ― ասաց նա։ Այնտեղ մենք կարող ենք ամուսնանալ, եթե դու դրան նշանակություն ես տալիս։ Ես երբեք ամուսնացած չեմ եղել։ Այնպես որ ոչ մի բարդություն չկա։
 +
 +
― Ես ուրախ եմ, որ դու երբեք ամուսնացած չես եղել, ― ասաց նա։ ― Բայց ավելի ուրախ եմ, որ այնպիսի բաներ գիտես, որոնց մասին ասացիր քիչ առաջ, նշանակում է դու շատ կանանց հետ ես եղել, իսկ Պիլարն ինձ ասաց, որ այդպիսի տղամարդիկ լավ ամուսիններ են լինում։ Բայց հիմա արդեն ուրիշ կանանց ետևից չես վազի, չէ՞։ Ես կմեռնեմ, եթե այդպիսի բան անես։
 +
 +
― Կանանց ետևից ես երբեք չեմ վազել, ― ասաց նա, և դա ճիշտ էր։ ― Մինչև քեզ հանդիպելս ես չէի էլ մտածում, որ կարող եմ խորապես սիրել որևէ մեկին։
 +
 +
Աղջիկը շոյեց նրա այտերն ու ձեռքերով փարվեց գլխին։
 +
 +
― Երևում է շատ կանանց ես դու ճանաչել։
 +
 +
― Ոչ մեկին չեմ սիրել։
 +
 +
― Լսի՛ր, Պիլարը ինձ մի բան ասաց․․․
 +
 +
― Ի՞նչ, ասա։
 +
 +
― Չէ՞ Ավելի լավ է չասեմ։ Արի նորից Մադրիդի մասին խոսենք։
 +
 +
― Ի՞նչ էիր ուզում ասել։
 +
 +
― Չեմ ուզում ասել։
 +
 +
 +
― Թերևս ավելի լավ է ասես, կարող է կարևոր լինել։
 +
 +
― Կարծո՞ւմ ես, որ կարևոր է։
 +
 +
― Այո։
 +
 +
― Բայց ինչի՞ց գիտես, որ կարևոր է, եթե չգիտես, թե ինչ է։
 +
 +
― Քո ասելու եղանակից։
 +
 +
― Ուրեմն չեմ թաքցնի քեզանից։ Պիլարը ասաց, որ մենք բոլորս էլ մեռնելու ենք վաղը, և դու նույնքան լավ գիտես, ինչքան ինքը, բայց կարևորություն չես տալիս։ Նա ոչ թե քննադատելու համար ասաց, այլ հիացմունքով։
 +
 +
― Այդպե՞ս ասաց։ ― Այ քեզ խելագար քավթառ, մտածեց նա ու ասաց․ ― Դա նրա գնչուական զառանցանքներից է։ Այդպիսի զրույցներ անում են միայն շուկայում առուծախ անող կանայք և սրճարաններում շաղակրատող վախկոտները։  Դա ի՞նչ խոսք է, դրան ասում են համը հանել։ ― Զգաց, որ թեևատակերից քրտինքը հոսելով իջավ կողերով։ Վախեցա՞ր, ասաց ինքն իրեն, հետո բարձրաձայն դարձավ աղջկան։ ― Սնահավատ ու շաղակրատ քավթառ է, ուրիշ ոչինչ։ Արի նորից Մադրիդի մասին խոսենք։
 +
 +
― Ուրեմն դա ճիշտ չէ՞, այդպիսի բան չգիտե՞ս։
 +
 +
― Իհարկե ոչ։ Մի խոսիր այդ զառանցանքների մասին, ― ասաց նա՝ մի թունդ ու կեղտոտ բառ օգտագործելով։
 +
 +
Հիմա նորից էր խոսում Մադրիդի մասին, բայց զգում էր, որ չի կարողանում անուրջին ձուլվել, նա ստում էր և՛ իր սիրած աղջկան, և՛ իրեն, որպեսզի սպանի մարտին նախորդող գիշերը, ու անում էր գիտակցաբար։ Հաճելի էր, բայց պատրանքի հեշտանքն արդեն չքացել էր։ Այնուամենայնիվ նա վերսկսեց․
 +
 +
― Ես մտածել եմ նաև մազերիդ մասին, ― ասաց նա։ ― Մտածել եմ, թե ինչ կարելի է անել։ Հիմա դրանք հավասար աճում են, ոնց որ վայրի գազանի մուշտակը, և շատ սիրուն են, երբ ձեռքս տանում եմ գլխիդ վրայով, զգում եմ, որ մազերդ բարձրանում են, ճկվում ու նորից հարթվում, կարծես քամուց օրորվող ցորենի արտ լինի, շատ գեղեցիկ է։
 +
 +
― Տա՛ր ձեռքդ գլխիս վրայով։
 +
 +
Տարավ և գլխի վրա էլ թողեց։ Հետո շարունակեց խոսել շրթունքները գրեթե հպած նրա կոկորդին, իսկ իր կոկորդը թվում էր ուռչում է։
 +
 +
― Ես մտածել եմ, որ Մադրիդում մենք իրար հետ կգնանք վարսավիրի մոտ, կողքերից ու ծոծրակի մասում մազերդ կկտրենք, ոնց որ իմը, այդպես ավելի սիրուն կլինի, մինչև մի լավ երկարեն։
 +
 +
― Ես ուզում եմ քեզ նման լինել, ― ասաց Աղջիկն ու գրկեց նրա։ ― Հետագայում էլ երբեք չեմ փոխի սանրվածքս։
 +
 +
― Ոչ։ Սկզբում, քանի կարճ են, այդպես կլինի, հետո կերկարեն, չէ՞։ Ինչքա՞ն ժամանակից կերկարեն։
 +
 +
― Շատ երկա՞ր։
 +
 +
― Չէ։ Մինչև ուսերդ։ Ուզում եմ, որ այդպես լինեն։
 +
 +
― Ոնց որ Գարբոն կինոյում։
 +
 +
― Այո, ― ասաց նա խզված ձայնով։
 +
 +
Պատրանքի կառույցը հիմա նորից էր սկսել բարձրանալ, և նա ուզում էր ամբողջ էությամբ փարվել, հանձնվել դրան։ Եվ հանձնվեց։
 +
 +
― Կերկարեն, կհասնեն ուսերիդ, և ծայրերին գանգուրների կոհակներ կառաջանան, նման ծովի կոհակներին, ու նրանք հասուն արտի ցորենների գույնը կունենան, դեմքդ՝ մուգ ոսկու, իսկ աչքերիդ գույնը կլինի ներդաշնակ մազերիդ ու մաշկիդ գույնին՝ ոսկեգույն, մուգ առկայծումներով, և ես ետ կտանեմ գլուխդ ու կնայեմ աչքերիդ մեջ ու ամուր կգրկեմ քեզ․․․
 +
 +
― Որտե՞ղ։
 +
 +
― Որտեղ պատահի։ Որտեղ էլ լինենք։ Ինչքա՞ն ժամանակից կերկարեն մազերդ։
 +
 +
― Չգիտեմ։ Երբեք չեմ կտրել։ Երևի վեց ամսից կհասնեն ականջներիս։ Գուցե մի տարի հետո քո ուզածի չափ լինեն։ Բայց գիտե՞ս, թե առաջին հերթին ի՞նչ ենք անելու։
 +
 +
― Ասա տեսնեմ։
 +
 +
― Մեր փառավոր պանդոկի քո փառավոր համարում մենք նստելու ենք փառավոր մահճակալի վրա փռված մաքուր անկողնին և երկուսով նայելու ենք պահարանի դռան վրայի հայելուն և նրա մեջ տեսնելու ենք քեզ, տեսնելու ենք ինձ, հետո ես շրջվելու եմ դեպի քեզ , այսպես, թևերով փաթաթվելու եմ քեզ, այսպես, և համբուրելու եմ քեզ, այսպես։
 +
 +
Հետո նրանք անշարժ պառկեցին գիշերային մթության մեջ իրար փարված, սիրաբորբ, քարացած, Ռոբերտ Ջորդանն ամուր գրկեց աղջկան և հասկացավ, որ գրկում է այն ամեն, ամեն ինչը, որ երբեք չի լինելու, բայց, պատրանքից ազատվել չուզելով, ասաց․
 +
 +
― Նապաստակ, մենք միշտ այդ պանդոկում չենք ապրելու։
 +
 +
― Ինչո՞ւ։
 +
 +
― Մադրիդում մենք կարող ենք բնակարան վարձել։ Ես ծանոթ եմ ամերիկացի մի կնոջ, որը պատերազմից առաջ Բուեն Ռետիրո զբոսայգու մոտով անցնող փողոցի վրա կահավորված բնակարաններ էր վարձով տալիս։ Կարծում եմ, որ կկարողանամ նախապատերազմական գներով մի բնակարան վարձել։ Այդտեղ բնակարանների մի մասի պատուհանները զբոսայգու վրա են բացվում, երկաթյա ցանկապատերի, ծաղկաթմբերի, կանաչ մարգերի միջով անցնող խճապատ արահետների, ստվերախիտ ծառերի ու բազմաթիվ շատրվանների վրա։ Հիմա այնտեղ շագանակենիները ծաղկել են։ Մադրիդում մենք կարող ենք զբոսնել այգում, թիավարել լճակում, եթե նորից լցրել են ջուրը։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ են դատարկել։
 +
 +
― Նոյեմբերին դատարկեցին, որպեսզի թշնամու ինքնաթիռները հնարավորություն չունենան դրանով կողմնորոշվելու։ Բայց հիմա երևի լցրել են։ Հաստատ չեմ կարող ասել։ Սակայն եթե լցրած էլ չլինեն, ոչինչ, կզբոսնենք այգում, լճի մյուս կողմը մի տեղ կա, որ կարծես անտառ լինի, այդտեղ աշխարհի բոլոր կողմերից ծառեր են բերել֊տնկել, բներին տախտակներ են կախված, վրան գրված է՝ թե ինչ ծառ է և որտեղ է աճում։
 +
 +
― Ես առաջին հերթին կուզենայի կինո գնալ, ― ասաց Մարիան։ ― Բայց ծառերն էլ շատ հետաքրքրական են, և ես կջանամ քեզ հետ միասին բոլորի անունները սովորել, եթե կարողանամ հիշել։
 +
 +
― Դա թանգարանի նման չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այդտեղ ամեն ինչ բնական է, ծառեր են, աճում են իրենց համար, մի մասը բլուրների վրա, մյուսը՝ հարթության, մի անկյուն էլ կա՝ իսկական ջունգլի։ Զբոսայգու ներքևի մասում, մայթերի վրա գրքերի շուկան է, հարյուրավոր կրպակներ են իրար կողքի շարված, օգտագործված գրքեր են վերավաճառում, պատերազմն սկսվելուց հետո ինչքան գիրք ասես լցված է այդտեղ, ռմբակոծություններից քանդված տներից են գողացել֊բերել, ֆաշիստներից են թալանել։ Ես կարող եմ օրերով թափառել գրքերի շուկայում, այդպես վարվել եմ մի անգամ պատերազմից առաջ, բայց դրա համար պետք է ժամանակ ունենալ, տեսնենք ժամանակ կլինի՞ Մադրիդում։
 +
 +
― Դու կգնաս գրքերի շուկա, իսկ ես այդ ընթացքում տունը կարգի կբերեմ, ― ասաց Մարիան։ Մենք այնքան փող կունենա՞նք, որ կարողանանք աղախին պահել։
 +
 +
― Անշուշտ։ Կարող եմ հյուրանոցից Պետրային բերել, եթե դու նրան հավանես։ Լավ ճաշեր է պատրաստում և մաքուր է։ Լրագրողների համար էր եփում, նրանց սենյակներում, էլեկտրական սալօջախի վրա, կերել եմ նրա եփած ճաշերը։
 +
 +
― Եթե ուզում ես, բեր, ― ասաց Մարիան։ ― Թե չէ ես էլ կարող եմ մեկնումեկին գտնել։ Բայց երևում է, որ դու հաճախ ես այսպիսի գործով մեկնելու, իսկ ինձ թույլ չեն տա ընկերակցելու քեզ։
 +
 +
― Գուցե կարողանամ Մադրիդում աշխատանքի անցնել։ Ես արդեն երկար ժամանակ է, որ այսպիսի գործեր եմ անում, պատերազմի առաջին օրվանից միշտ մասնակցել եմ կռիվներին։ Հնարավոր է, որ Մադրիդում հիմա մի աշխատանք տան ինձ։ Ես երբեք այդպիսի բան չեմ խնդրել։ Միշտ ռազմաճակատում եմ եղել կամ այսպիսի գործեր եմ արել։
 +
 +
Գիտե՞ս, որ մինչև քեզ հանդիպելս ես երբեք ոչ մի բան չեմ խնդրել։ Ոչ էլ ինչ֊որ բանի եմ ձգտել։ Մտածել եմ միայն մեր շարժման ու մեր հաղթանակի մասին։ Ճիշտ եմ ասում, շատ մաքուր եմ եղել իմ ձգտումների մեջ։ Շատ գործեր եմ  արել, և հիմա, ահա, հանդիպել եմ քեզ ու սիրել, ― ասաց նա, լիովին գիտակցելով, որ այս ամենը պատրանք է, ― ես սիրում եմ քեզ այնպես, ինչպես ազատությունը, արժանապատվությունը, աշխատելու և քաղցած չլինելու մարդկային իրավունքը։ Ես քեզ սիրում եմ ինչպես Մադրիդը, որ մենք պաշտպանեցինք և ինչպես բոլոր այն ընկերներին, որոնք զոհվեցին։ Շատ զոհվեցին։ Ես սիրում եմ քեզ այնպես, ինչպես այն, ինչ ամենից ավելի եմ սիրում աշխարհում, նույնիսկ ավելի։ Ես քեզ շատ եմ սիրում, նապաստակ։ Շատ ավելի, քան կարող եմ ասել խոսքերով։ Բայց ասում եմ, որպեսզի գոնե մի քիչ ասած լինեմ քեզ։ Ես երբեք կին չեմ ունեցել, իսկ հիմա դու իմ կինն ես, և ես երջանիկ եմ։
 +
 +
― Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի լավ կին լինեմ քեզ համար, ― ասաց Մարիան։ ― Ճիշտ է, ես ոչինչ չգիտեմ, բայց կջանամ սովորել։ Եթե բնակվենք Մադրիդում, լավ։ Եթե բնակվենք մի ուրիշ վայրում, նույնպես լավ։ Եթե բնակվելու մշտական տեղ չունենանք և ես կարողանամ ընկերակցել քեզ, ավելի լավ։ Եթե գնանք քո երկիրը, ես կսովորեմ անգլերեն խոսել, ինչպես քո երկրի բոլոր Ingles֊ները։ Ես կսովորեմ նրանց նիստուկացը և ես էլ նույն ձևով կշարժվեմ։
 +
 +
― Երևի շատ ծիծաղելի լինես։
 +
 +
― Երևի։ Սխալներ կանեմ, բայց դու կուղղես, և արդեն երկրորդ անգամ չեմ անի, կամ կանեմ միայն երկու անգամ։ Հետո, եթե դու այնտեղ կարոտես մեր ճաշերը, ես կեփեմ քեզ համար։ Եթե այնտեղ տնային տնտեսուհիների դպրոց լինի, կհաճախեմ այդ դպրոցը և ամեն ինչ կսովորեմ։
 +
 +
― Այդպիսի դպրոցներ կան, բայց դու դրանց կարիքը չունես։
 +
 +
― Պիլարն ինձ ասաց, որ իրեն թվում է, թե ձեր երկրում այդպիսի դպրոցներ կան։ Նա դրանց մասին ինչ֊որ հանդեսում է կարդացել։ Հետո ասաց, որ ես պետք է սովորեմ անգլերեն խոսել, և լավ խոսել, որպեսզի դու երբեք ստիպված չլինես ամաչելու ինձ համար։
 +
 +
― Ե՞րբ է ասել այդ ամենը։
 +
 +
― Այսօր, երբ իրերն էինք կապկպում, նա մի գլուխ ինձ բացատրում էր, թե ինչ պետք է անեմ, երբ կինդ դառնամ։
 +
 +
Ուրեմն նա էլ է թռել Մադրիդ, մտածեց Ռոբերտ Ջորդանը և հարցրեց․
 +
 +
― Ուրիշ ի՞նչ ասաց։
 +
 +
― Ասաց, որ պետք է հոգ տանեմ մարմնիս, այնպես պահեմ, ոնց որ ցլամարտիկները։ Ասաց, որ դա շատ կարևոր է։
 +
 +
― Այո, կարևոր է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց դու կարող ես դեռ երկար ժամանակ չմտահոգվել դրանով։
 +
 +
― Ոչ։ Նա ասաց, որ կանայք պետք է միշտ ուշադիր հետևեն իրենց, որովհետև դա կարող է շատ հանկարծակի սկսվել։ Նա ասաց, որ մի ժամանակ ինքն էլ ինձ նման նիհար է եղել, բայց այն օրերին կանայք մարմնամարզությամբ չեն զբաղվել։ Նա ասաց, թե ինչպիսի վարժություններ է անհրաժեշտ անել, բացի այդ, պետք է քիչ ուտել։ Ասաց նաև, թե ինչ պետք չէ ուտել։ Բայց մոռացել եմ, պետք է նորից հարցնեմ։
 +
 +
― Կարտոֆիլ։
 +
 +
― Այո, ― շարունակեց աղջիկը։ ― Կարտոֆիլ և տապակած բաներ։ Իսկ երբ իմ այս ցավի մասին խոսեցի նրա հետ, ասաց, որ պետք է դիմանամ ու քեզ ոչինչ չհայտնեմ։ Բայց ես հայտնեցի, որովհետև չեմ ուզում երբևիցե քեզ խաբած լինել, միևնույն ժամանակ նաև վախենում էի, որ դու կարող ես մտածել, թե մենք այլևս չենք կարող իրար հաճույք պատճառել, և այն, ինչ եղավ սարալանջին, իրականում չի եղել։
 +
 +
― Ճիշտ արեցիր, որ ասացիր։
 +
 +
― Իսկապե՞ս։ Ախր ես ամաչում եմ, որ այսպես եղավ։ Ասա՛, ի՞նչ ես ցանկանում, և ես կանեմ։ Պիլարն ինձ ասաց, թե ինչեր կարելի է անել ամուսնու համար։
 +
 +
― Ոչ մի բանի էլ կարիք չկա։ Ինչ որ ունենք, մեր երկուսի ունեցածն է, և մենք պետք է այն պահենք ու պահպանենք։ Ես քեզ սիրում եմ հենց այսպես, երբ դու պառկած ես կողքիս և ես կարողանում եմ դիպչել քեզ, զգալ, որ դու այստեղ ես, իսկ երբ մի օր դու նորից պատրաստ լինես, մենք այն ամենը, ինչ ուզում ենք, կունենանք։
 +
 +
― Բայց դու ոչ մի կարիք չունե՞ս, որ ես կարող եմ բավարարել։ Նա ինձ այդ էլ է բացատրել։
 +
 +
― Ոչ մի։ Մեր կարիքները ընդհանուր են։ Ինչ կարիք որ դու ունես, այն էլ ես ունեմ։
 +
 +
― Դու ինձ հանգստացրիր։ Բայց իմացիր, ես պատրաստ եմ անելու, ինչ որ ցանկանաս։ Միայն թե ասա ինչ, որովհետև ես ոչինչ չգիտեմ, և թեև Պիլարը ինձ բացատրեց, բայց լավ չպատկերացրեցի։ Ամաչեցի նորից հարցնել, իսկ նա շատ բան գիտի, շատ իմաստուն է։
 +
 +
― Նապաստա՛կ, ― ասաց նա։ ― Դու հրաշալի ես։
 +
 +
― Que va, ― ասաց աղջիկը։ ― Կարծում ես հնարավո՞ր է կանացի այդ բոլոր գործերը մի օրում հասկանալ ու սովորել, այն էլ, երբ մի կողմից իրերն ես կապկպում, որպեսզի պատրաստ լինենք մարտի, մյուս կողմից մոտակա սարերում արդեն տեղի է ունենում մարտը։ Դրա համար էլ, եթե ինչ֊որ բանում ես սխալվեմ, դու պետք է ինձ ասես, որովհետև ես քեզ սիրում եմ։ Կարող է և ամեն ինչ ճիշտ չհիշեմ, մանավանդ որ այն ամենը, ինչ բացատրում էր, շատ բարդ էր։
 +
 +
― Ուրիշ ի՞նչ ասաց քեզ Պիլարը։
 +
 +
― Pues, այնքա՜ն բան, որ չեմ էլ կարող հիշել։ Ասաց, որ քեզ հետ կարող եմ զրուցել այն մասին, թե ինչ արեցին ինձ, եթե դա նորից սկսի տանջել ինձ, որովհետև դու լավ մարդ ես ասաց և ամեն ինչ կհասկանաս։ Բայց քանի դեռ չի սկսել նախկինի նման տանջել, ավելի լավ է լռել այդ մասին, իսկ եթե հնարավոր չլինի լռել, պատմեմ և այդ ձևով գուցե թեթևանամ։
 +
 +
― Հիմա դա տանջո՞ւմ է քեզ։
 +
 +
― Ոչ։ Այն պահից, որ մենք իրար հետ եղանք, ինձ թվում է, թե այն մեկը երբեք էլ չի եղել։ Ծնողներիս վիշտը, սակայն, չի անցնում։ Դա չի էլ անցնի, դա կմնա ընդմիշտ։ Բայց ես պատմում եմ, որովհետև քո հպարտության համար եմ մտահոգվում, դու չպետք է ամաչես քո կնոջ պատճառով, դրա համար էլ ուզում եմ, որ իմանաս։ Ես ոչ մեկին հլու֊հնազանդ չեմ տրվել։ Միշտ դիմադրել եմ, և միշտ երկու հոգով են ինձ վատ բաներ արել։ Մեկը նստել է գլխիս և ամուր բռնել ձեռքերս։ Ես սա պատմում եմ, որպեսզի կարողանաս հպարտ զգալ։
 +
 +
― Դու իմ հպարտությունն ես։ Մի՛ պատմիր։
 +
 +
― Ոչ, ես սա ասում եմ, որովհետև կինը ամուսնու  հպարտությունն է։ Մի ուրիշ բան ևս։ Հայրս մեր ավանի պետն էր, պատվավոր մարդ էր։ Մայրս պատվավոր կին էր և բարեպաշտ կաթոլիկ, նրան գնդակահարեցին հորս հետ, ամուսնու քաղաքական հայացքների համար։ Հայրս հանրապետական էր։ Ես տեսա, թե ինչպես գնդակահարեցին երկուսին էլ, հայրս «Viva la Republica» ասաց, երբ գնդակահարում էին նրան ավանի սպանդանոցի պատի տակ։
 +
 +
Մայրս, որին նույնպես կանգնեցրին այդ պատի տակ, ասաց․ «Կեցցե ամուսինս, որն այս ավանի պետքն է եղել»։ Ես կարծում էի, որ ինձ նույնպես գնդակահարելու են, և պատրաստվել էի «Viva Republica y vivan mis padres» ասելու, բայց գնդակահարելու փոխարեն ուրիշ բաներ արեցին։
 +
 +
Քեզ մի բան եմ պատմելու, որը մեզ է վերաբերում։ Լսի՛ր։ Matadero֊յի մոտ գնդակահարությունները վերջացնելուց հետո մեզ՝ սպանվածների հարազատներիս, որ ականատես էինք եղել գնդակահարությանը և ողջ մնացել, matadero֊յից դեպի վեր տանող աստիճաններով քշեցին ավանի հրապարակը։ Համարյա բոլորը լաց էին լինում։ Բայց մի քանիսը համրացել էին, նրանց աչքերի արցունքը ցամաքել էր այն ամենից, ինչ տեսել էին։ Ես չէի կարողանում լաց լինել։ Չէի տեսնում, թե ինչ է կատարվում շուրջս, աչքերիս առաջ հայրս ու մայրս էին, նրանց գնդակահարում էին, և մայրս ասում էր․ «Կեցցե ամուսինս, որն այս ավանի պետն է եղել»։ Այդ ճիչը մնացել է հիշողությանս մեջ ու երբեք չի ջնջվում։ Մայրս հանրապետական չէր, դրա համար էլ «Viva la Republica» չասաց, այլ ասաց viva հայրս, որը երեսնիվայր ընկել էր մորս ոտքերի մոտ։
 +
 +
Բայց նա այդ խոսքերը շատ բարձրաձայն ասաց, համարյա գոռալով, և նրանք գնդակահարեցին նրան, ու նա ընկավ, ես փորձեցի պոկվել, գնալ մորս մոտ, բայց մենք կապոտած էինք։ Նրանց գնդակահարեցին guardia civil֊ները, հետո սպասեցին նոր խմբերի, իսկ ֆալանգիստները քշեցին մեզ վերև, դեպի հրապարակ, gvardia civil֊ները մնացին այնտեղ, հենված իրենց հրացաններին, պատի տակ ընկած դիակների մոտ։
 +
 +
Սպանվածների կանանց ու աղջիկներին ձեռք֊ձեռքի կապած, երկար շարանով քշեցին փողոցն ի վեր դեպի հրապարակ։ Վարսավիրանոցի առջև կանգ առան, քաղաքապետարանի դիմաց։
 +
 +
Երկու հոգի մոտեցան ու սկսեցին նայել մեզ։ «Սա ավանի պետի աղջիկն է», ― ասաց մեկը։ «Սկսենք դրանից», ― ասաց մյուսը։
 +
 +
Ձեռքներիս կապերը կտրեցին, մեկը կողքի ֆալանգիստներին ասաց, որ մյուսներին նորից կապեն, և երկուսով թևերիցս բռնեցին, տարան վարսավիրանոց, բարձրացրեցին, նստեցրին բազկաթոռին ու բռնած պահեցին այդտեղ։ Հայելու մեջ ես տեսա իմ դեմքը, տեսա այն երկուսինը, որոնք բռնած պահել էին ինձ, և էլի երեք հոգու, որ կանգնել էին թիկունքիս։ Ոչ մեկին չէի ճանաչում, ես հայելու մեջ տեսնում էի և՛ իմ, և՛ նրանց դեմքերը, իսկ նրանք տեսնում էին միայն ինձ։ Կարծես ատամնաբույժի բազկաթոռին նստած լինեի, իսկ շուրջս՝ բազմաթիվ ատամնաբույժներ, բոլորն էլ խելագար։ Ինքս ինձ դժվարությամբ կարողացա ճանաչել, որովհետև վշտից փոխվել էր դեմքս, և միայն, երկար նայելուց հետո ճանաչեցի ինձ։ Վիշտս այնքան մեծ էր, որ ոչ վախ էի զգում, ոչ էլ որևէ այլ բան, ոչինչ չէի զգում, վշտից բացի։
 +
 +
Այն ժամանակ հյուսքեր ունեի, և ահա հայելու մեջ տեսա, թե ինչպես նրանցից մեկը բարձրացրեց մի հյուսքս և այնպես քաշեց, որ վշտիս մեջ իսկ զգացի ցավը, հետո շատ խորքից ածելիով կտրեց։ Եվ ես տեսա ինձ՝ գլխիս միայն մի հյուսք, իսկ մյուսի տեղում՝ խոզան։ Հետո, այս անգամ առանց քաշելու, կտրեց մյուս հյուսքս և ածելիով կպավ ականջիս, ու տես արյունս։ Մատով շոշափիր՝ կզգաս սպին։
 +
 +
― Այո։ Բայց ավելի լավ չի՞ լինի, եթե չխոսես այդ մասին։
 +
 +
― Ոչինչ։ Ամենավատ բանի մասին չեմ խոսի։ Այդպես ուրեմն, նա կտրեց հյուսքերս ածելիով, մյուսները ծիծաղում էին, իսկ ես կտրված ականջիս ցավը չէի էլ զգում, հետո կանգնեց դիմացս ու սկսեց հյուսքերովս հարվածել դեմքիս, երկու հոգի բռնած պահում էին ինձ ու ասում՝ «Այսպես ենք անելու կարմիր միանձնուհիներին։ Հիմա իմացիր, թե ինչ է նշանակում պրոլետար եղբայրներին միանալ։ Կարմիր Քրիստոսի հարս»։
 +
 +
Եվ նա իմ հյուսքերով հարվածում էր ու հարվածում դեմքիս, հետո անցկացրեց ատամներիս արանքն ու ծայրերը տարավ իրար հանգուցեց ծոծրակիս վրա։ Իսկ այն երկուսը, որոնք բռնած պահում էին ինձ, ծիծաղում էին։
 +
 +
Եվ բոլոր նրանք, որ տեսնում էին այս ամենը, ծիծաղում էին, երբ հայելու մեջ ես տեսա, թե ինչպես են նրանք ծիծաղում, սկսեցի լաց լինել, մինչ այդ սառել֊մնացել էի, ծնողներիս գնդակահարությունն էր միայն աչքերիս առջև։
 +
 +
Հետո այն մեկը, որ մազերս հանգուցեց ծոծրակիս վրա, վերցրեց մեքենան ու տարավ գլխիս վրայով․ սկզբում ճակատից դեպի վիզս, հետո ականջներիս վրա, կողքերը, ամբողջ գլուխս, իսկ այն երկուսն այնպես էին բռնել ինձ, որ ես ամեն ինչ տեսնում էի հայելու մեջ, բայց աչքերիս չէի կարողանում հավատալ ու լալիս էի, լալիս և չէի կարողանում հայացքս հեռացնել իմ չռված ու հյուսքերով խցկված բերանից, սարսափելի դեմքից ու մեքենայի տակ լերկացող գլխից։
 +
 +
Երբ ինձ խուզողն իր գործը վերջացրեց, վարսավիրի պահարանի դարակից վերցրեց յոդի շիշը (վարսավիրին էլ էին գնդակահարել, որովհետև սինդիկատի անդամ էր եղել, դիակն ընկած էր դռան առաջ, ներս բերելիս ինձ նրա վրայով անցկացրեցին) և ապակյա խցանով ականջիս վերքին յոդ քսեց, վշտից ու սարսափից համարյա ոչինչ չզգացի, հազիվ մի թեթև ցավ։
 +
 +
Հետո կանգնեց դիմացս ու ճակատիս U. H. P.<ref>Union de los Hijos de Pueblo ― ժողովրդօ զավակների միություն։ Ֆաշիստներն աղավաղելով ասում էին՝ Union de Puts ― պոռնկի զավակների միություն։</ref> գրեց, գրում էր դանդաղ, խնամքով, կարծես նկարիչ լիներ, ես այդ ամենը տեսնում էի հայելու մեջ, բայց արդեն չէի լալիս, սիրտս քարացել էր, աչքերիս առաջ հայրս ու մայրս էին, և այն, ինչ անում էին ինձ հետ, դատարկ բան էր թվում։
 +
 +
Երբ այդ ֆալանգիստը գրեց վերջացրեց, մի քայլ ետ գնաց և սկսեց ստուգել իր աշխատանքը, հետո յոդի շիշը ցած դրեց, վերցրեց մեքենան ու ասաց՝ «Հաջորդը», մյուսները թևերիցս ամուր բռնած ինձ դուրս բերեցին վարսավիրանոցից, դռան առաջ ոտքս կպավ վարսավիրին, որ դեռ այնտեղ էր, կռնակի վրա ընկած, դեմքը ջարդոտած։ Դուրս գալիս բախվեցի Կոնսեպսիոն Գրասիային, լավագույն ընկերուհուս, երկու հոգի նրան ներս էին բերում, սկզբում նա ինձ չճանաչեց, հետո, երբ ճանաչեց, ճչաց, և ես ամբողջ ճանապարհին լսում էին նրա ճիչը՝ հրապարակավ մինչև քաղաքապետարանի մուտքը հասնելիս, աստիճանների վրա, հորս գրասենյակում, որտեղ գցեցին ինձ բազմոցի վրա ու վատ բաներ արեցին։
 +
 +
― Նապաստակս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և քնքշանքով գրկեց աղջկան։ Անսահման ատելությամբ էր լցված։ ― Դրա մասին այլևս մի՛ խոսիր։ Մի՛ խոսիր այլևս, որովհետև արդեն ուժ չունեմ ատելությանս դիմադրելու։
 +
 +
Աղջիկն անշարժ, սառած պառկել էր նրա գրկում, հետո ասաց․
 +
 +
― Այո։ Դրա մասին այլևս չեմ խոսի։ Բայց նրանք վատ մարդիկ են, ես էլ կուզեի վաղը քեզ հետ լինել ու անձամբ մի քանիսին սպանել։ Ես այս ամենը պատմեցի քո հպարտության համար, պատմեցի, որպեսզի դու հասկանաս և չամաչես, եթե քո կինը դառնամ։
 +
 +
― Լավ արեցիր, որ պատմեցիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Վաղը, եթե բախտներս բերեց, լավ կկոտորենք դրանց։
 +
 +
― Ֆալանգիստների՞ն։ Նրանք էին այդ անողները։
 +
 +
― Նրանք չեն կռվում, ― մռայլ ասաց նա։ ― Նրանք թիկունքում սպանություններ են անում։ Նրանց հետ մարտում չենք հանդիպի։
 +
 +
― Իսկ նրանց հնարավոր չէ՞ ոչ մի ձևով սպանել։ Այնպես եմ ուզում մի քանիսին սպանել։
 +
 +
― Ես սպանել եմ, ― ասաց նա։ ― Մենք դեռ էլի կսպանենք։ Գնացքների պայթեցման ժամանակ շատ ենք սպանել։
 +
 +
― Ա՛յ, եթե քեզ հետ գնացքներ պայթեցնելու գնայինք, ― ասաց Մարիան։ ― Այն գնացքի ժամանակ, երբ Պիլարն ինձ այստեղ բերեց, ես ոնց որ գիժ լինեի։ Պատմե՞լ է քեզ։
 +
 +
― Այո։ Կարիք չկա, մի՛ խոսիր այդ մասին։
 +
 +
― Գլուխս չէր աշխատում, լեզուս բռնվել էր, լալիս էի, ուրիշ ոչ մի բան չէի կարողանում անել։ Բայց ես մի բան էլ պետք է ասեմ քեզ։ Անպայման պետք է ասեմ։ Այս մեկը եթե իմանաս, թերևս չամուսնանաս ինձ հետ։ Բայց, Ռոբերտո, եթե չուզենաս ամուսնանալ, արդյոք հնարավոր չէ՞, որ գոնե այսպես միշտ միասին լինենք։
 +
 +
― Ես ամուսնանալու եմ քեզ հետ։
 +
 +
― Հա։ Տեսա՞ր, մոռացա։ Հավանաբար չես ամուսնանա։ Հնարավոր է, որ ես չկարողանամ քեզ ոչ տղա ծնել, ոչ էլ աղջիկ, որովհետև, ասում է Պիլարը, եթե կարողանայի, այն ժամանակ արդեն պետք է լիներ, երբ այդ բաներն արեցին։ Ես քեզ պետք է ասեի սա։ Չգիտեմ ինչպե՞ս էր եղել, որ մոռացել էի ասել։
 +
 +
― Դա կարևոր չէ, նապաստակ, ― ասաց նա։ ― Նախ, դա կարող է ճիշտ չլինել։ Բժիշկը պետք է ասի։ Հետո, ես ոչ տղա եմ ուզում ունենալ, ո՛չ էլ աղջիկ, քանի աշխարհն այսպիսին է։ Բացի այդ, ես իմ սերը ամբողջությամբ կկարողանամ տալ քեզ։
 +
 +
― Ես կուզենայի քեզ մի տղա ու մի աղջիկ ծնել, ― ասաց նա։ ― Իսկ ինչպե՞ս կարող է աշխարհն ավելի լավ լինել, եթե մենք երեխաներ չունենանք, մենք, որ կռվում ենք ֆաշիստների դեմ։
 +
 +
― Դո՜ւ, սիրելի՛ս, ― ասաց նա։ ― Ես սիրում եմ քեզ։ Լսո՞ւմ ես։ Իսկ հիմա, նապաստա՛կ, արի քնենք։ Ես պետք է դեռ լույսը չծագած վեր կենամ, իսկ այս ամսին շուտ է լուսանում։
 +
 +
― Ուրեմն այն վերջին բանը, որ ասացի, ոչի՞նչ։ Մենք կարո՞ղ ենք ամուսնանալ։
 +
 +
― Մենք հիմա էլ արդեն ամուսնացած ենք։ Դու իմ կինն ես։ Դե քնի՛ր, նապաստակս, քիչ ժամանակ է մնացել։
 +
 +
― Իսկապե՞ս ամուսնանալու ենք։ Հենց այնպես, խոսքի համար չես ասում, չէ՞։
 +
 +
― Իսկապես։
 +
 +
― Ուրեմն քնեմ, իսկ երբ արթնանամ, կմտածեմ դրա մասին։
 +
 +
― Ես էլ։
 +
 +
― Բարի գիշեր, ամուսի՛նս։
 +
 +
― Բարի գիշեր, ― ասաց նա։ ― Բարի գիշեր, կի՛նս։
 +
 +
Նա լսեց աղջկա հանդարտ ու համաչափ շնչառությունը և հասկացավ, որ նա արդեն քնել է, ինքն էլ զգույշ ու հանգիստ մեկնվեց քնելու, ջանաց ավելորդ շարժումներ չանել, որպեսզի չզարթնեցնի նրան։ Մտածում էր այն ամենի մասին, որն աղջիկը չէր պատմել իրեն, ատելությունն ուտում էր նրան, ուրախանում էր, որ վաղն առավոտյան կռիվ է լինելու, սպանություն։ Բայց անձնական ապրումներով պետք չէ  ղեկավարվել, մտածեց նա։ Բայց ինչպե՞ս կարող եմ։ Այո, գիտեմ, մենք էլ նրանց ենք սարսափելի բաներ արել։ Բայց մենք անկիրթ էինք, չգիտեինք ինչպես վարվել, դրա համար ենք արել։ Իսկ նրանք արել են գիտակցաբար, ծրագրված ձևով։ Նրանք՝ այս երկրի ամենակրթյալ ու ծաղկուն ընտրանին։ Իսպանական ասպետականության ծաղիկը։ Այս ի՜նչ ժողովուրդ է։ Այս ի՜նչ շան ծնունդներ են՝ սկսած Կորտեսից, Պիսարոյից ու Մենդենես դե Ավիլայից մինչ այս Պաբլոն։ Եվ ինչ զարմանալի ժողովուրդ է։ Աշխարհում սրանից լավ ու սրանից վատ ժողովուրդ չկա։ Չկա ավելի բարի ու ավելի դաժան ժողովուրդ։ Ո՞վ կարող է հասկանալ սրանց։ Ես չեմ կարող, որովհետև, եթե հասկանամ, պիտի ներեմ։ Հասկանալը ներել է։ Չէ, դա ճիշտ չի լինի։ Դա կլինի չափազանցված պատկերացում։ Ներումը քրիստոնեական գաղափար է, իսկ Իսպանիան երբեք քրիստոնեական երկիր չի եղել։ Միշտ էլ կուռքն է եղել այնտեղ պաշտամունքի առարկան, և նրանք եկեղեցում երկրպագել են նրան։ Otra virgen mas:<ref>Մի այլ կույս(իսպ․)։</ref> Երևի դրա համար են կործանում իրենց թշնամիների կույսերին։ Այդ զգացումը, ինչ խոսք, ավելի խոր ձևով է արտահայտված մոլեռանդ կրոնականների մոտ, քան ժողովրդի։ Ժողովուրդը ժամանակի ընթացքում հետզհետե հեռացել է եկեղեցուց, որովհետև եկեղեցին ձուլվել է պետության հետ, իսկ պետությունը միշտ էլ գարշելի է եղել։ Սա միակ երկիրն է, ուր ռեֆորմացիան չկարողացավ մուտք գործել։ Եվ հիմա հատուցում են, ահա, ինկվիզիցիայի համար։
 +
 +
Այո, մտածելու բան է։ Կարող ես դրանով ուղեղդ զբաղեցնել, որպեսզի մի պահ մոռանաս գործդ։ Եվ երևի սա ավելի օգտակար է, քան անրջելը։ Աստված իմ, այդ ինչքա՜ն անուրջներ հյուսեցի այս գիշեր։ Պիլարն էլ է ողջ օրն անրջել։ Հավանաբար։ Իսկ եթե վաղը մեռնե՞ն։ Է, ի՞նչ նշանակություն ունի, կարևորն այն է, որ կամուրջը պայթեցնեն ինչպես հարկն է։ Դա է իրենցից պահանջվում։
 +
 +
Չունի։ Նշանակություն չունի։ Հետո ինչքա՞ն կարելի է այսպիսի գործեր անել։ Ինչ֊որ սահման լինելու է, չէ՞։ Հավերժ չես ապրելու։ Գուցե ես իմ ամբողջ կյանքը այս երեք օրում ապրեցի, մտածեց նա։ Եթե այդպես է, պիտի ուզենայի, որ այս վերջին գիշերն ուրիշ ձևով անցներ։ Բայց վերջին գիշերները երբեք էլ լավ չեն լինում։ Ոչ մի վերջին բան լավ չի լինում։ Չէ, եղել են վերջին լավ խոսքերը «Viva ամուսինս, որ այս ավանի պետն է եղել»։ Լավ է։
 +
 +
Լավ էր, որովհետև զգաց, թե ինչպես ամբողջ մարմնով սարսուռ անցավ, երբ մտքում կրկնեց այդ բառերը։ Կռացավ ու համբուրեց Մարիային, որը չարթնացավ։ Շատ մեղմ շշնջաց անգլերեն․
 +
 +
― Ես հաճույքով կամուսանանամ հետդ, նապաստակ։ Ես հպարտանում եմ քո ընտանիքով։
 +
 +
 +
==Գլուխ երեսուներկուերորդ==
 +
 +
Այդ գիշեր Մադրիդի Գեյլորդ հյուրանոցում մեծ բազմություն կար։ Կապույտ ներկված ցոլարձակներով մի մեքենա մոտեցավ հյուրանոցի դարպասին։ Մեքենայից դուրս եկավ փոքրամարմին մի մարդ՝ հագին հեծյալի սև սապոգներ, գորշ բրիջ, կարճ ու մինչև օձիքը կոճկած գորշ կիտել, նա պատասխանեց պահակների բարևին, գլխով արեց  բարապանի սեղանիկի ետևը նստած գաղտնի ոստիկանին և մտավ վերելակ։ Մարմարապատ նախասրահում նստած երկու պահակները ևս մի թեթև հայացք միայն գցեցին իրենց առջևով վերելակ մտնող փոքրամարմին մարդու վրա։ Հյուրանոց եկող յուրաքանչյուր անծանոթ մարդու նրանք ստուգում էին, շոշափում էին գրպանները, կողքերը, թևատակերն ու ծոցագրպանները, դա նրանց պարտականությունն էր, եթե այցելուները զենք էին ունենում, պարտավոր էին հանձնել բարապանին և նոր միայն բարձրանալ։ Բայց սև սապոգներով կարճահասակ մարդուն նրանք ճանաչում էին և միայն մի հայացք գցեցին նրան, երբ անցնում էր իրենց կողքով։
 +
 +
Հյուրանոցի իր համարում նա հանդիպեց մի մեծ բազմության։ Մարդիկ նստած ու կանգնած խոսում էին իրար հետ ինչպես սալոններում, տղամարդ թե կին խմում էին, խմում էին վոդկա, սոդայով վիսկի, գարեջուր, որ մեծ սափորներից լցնում էին փոքրիկ գավաթների մեջ։ Տղամարդկանցից չորսը համազգեստով էին։ Մյուսները մոմլաթե ու կաշվե բաճկոններ էին հագել, կանանցից երեքը սովորական շրջազգեստներով էին, չորրորդը՝ թուխ ու հիվանդագին նիհարությամբ մի կին, կրում էր միլիցիայի անպաճույճ համազգեստ, փեշ ու սապոգներ։
 +
 +
Կարկովը մտավ սենյակ և առաջին հերթին մոտեցավ համազգեստով կնոջը, խոնարհվեց և սեղմեց ձեռքը։ Իր կինն էր, նրա ականջին ռուսերեն ինչ֊որ բան ասաց, որը ոչ ոք չլսեց և, մի պահ, աչքերի անպատկառ արտահայտությունը, որ երևում էր սենյակ մտնելիս, չքացավ։ Այդ արտահայտությունը վերստին հայտնվեց, երբ տեսավ շիկահեր, ալարկոտ ու սիրուն դեմքով բարեկազմ աղջկան ու փոքրիկ, հատու քայլերով մոտեցավ նրան և այնպիսի ձևով խոնարհվեց ու սեղմեց ձեռքը, որ հազիվ թե մեկնումեկն ասեր, թե դա քիչ առաջ կնոջը ողջունելու տնազը չէ։ Կինը ուշադրություն չդարձրեց, թե ամուսինն ուր գնաց, և հիմա կանգնած իսպանացի բարձրահասակ ու գեղեցկատես մի սպայի հետ զրուցում էր ռուսերեն։
 +
 +
― Սերդ ինչ֊որ սկսել է գիրանալ, ― ասում էր Կարկովն աղջկան։ ― Մեր հերոսները, գրեթե բոլորը, այս մի տարում գիրացել են։ ― Նա չէր նայում այն մարդու կողմը, որին նկատի ուներ այս խոսքերն ասելիս։
 +
 +
― Դու այնքան այլանդակ ես, որ կարող ես դոդոշին էլ խանդել, ― ուրախ֊ուրախ ասաց աղջիկը։ Նա գերմաներեն էր խոսում։ ― Դու ինձ հետդ կտանե՞ս վաղը հարձակումը տեսնելու։
 +
 +
― Ո՛չ։ Ոչ մի հարձակում էլ չի լինելու։
 +
 +
― Բոլորն էլ գիտեն, որ լինելու է, ― ասաց աղջիկը։ ― Ի՞նչ կարիք կա խորհրդավորությունների։ Դոլորեսը գնալու է։ Ես կամ նրա հետ կգնամ, կամ Կարմենի։ Այնքա՜ն մարդ է գնում։
 +
 +
― Ով կտանի, նրա հետ էլ գնա, ― ասաց Կարկովը։ ― Ես չեմ տանի։ ― Հետո դարձավ աղջկան ու արդեն լրջացած հարցրեց․ ― Ո՞վ ասաց քեզ։ Ճիշտն ասա։
 +
 +
― Ռիխարդը, ― լրջորեն պատասխանեց աղջիկը։
 +
 +
Կարովը թափ տվեց ուսերն ու հեռացավ։
 +
 +
― Կարկով, ― փորն ընկած ձայնով կանչեց միջահասակ, գորշ խոժոռ դեմքով, թուլակախ թշերով, աչքերի տակն ուռած և ներքևի շրթունքը կախված մի տղամարդ։ ― Հաճելի նորություն լսե՞լ ես։
 +
 +
Կարկովը մոտեցավ նրան։
 +
 +
― Հենց նոր իմացա, ― ասաց տղամարդը։ ― Հազիվ մի տասը րոպե կլինի։ Հրաշալի է։ Սեգովիայի մերձակայքում ֆաշիստներն ամբողջ օրը իրար դեմ են կռվել։ Ապստամբների դեմ ստիպված են եղել ավտոմատ ու գնդացիր գործածել։ Կեսօրից հետո ինքնաթիռներն սկսել են իրենք իրենց զորքերին ռմբակոծել։
 +
 +
― Իսկապե՞ս, ― հարցրեց Կարկովը։
 +
 +
― Հաստատ բան է, ― ասաց աչքերի տակն ուռած տղամարդը։ ― Դոլորեսն ինքը անձամբ բերեց այդ լուրը։ Այստեղ էր, այնպես էր ոգևորված, ես նրան երբեք այդպես չէի տեսել։ Ամբողջ դեմքը լույսերի մեջ էր։ Այդ վսեմ դեմքը․․․ ― ուրախ ասաց նա։
 +
 +
― Այդ վսեմ դեմքը, ― ասաց Կարկովը՝ ձայնի առանց որևիցե երանգի։
 +
 +
― Եթե լսեիր նրան, ― ասաց ուռած աչքերով մարդը։ ― Լուրերը շողարձակում էին նրա դեմքից, դա երկրային երևույթ չէր։ Բավական էր լսեիր, որպեսզի համոզվեիր ասածի ճշմարտությանը։ Հոդված եմ գրելու «Իզվեստիայի» համար։ Այս պատերազմի ընթացքում սա իմ ապրած ամենաուժեղ պահերից մեկն էր՝ ես լսում էի վսեմ ձայն, որի մեջ միահյուսվել էին գութը, կարեկցանքն ու ճշմարտությունը։ Բարությունն ու ճշմարտությունն այնպես էին շողարձակում նրանից, ինչպես իսկական ժողովրդական սրբից։ Իզուր չեն նրան La Pasionaria<ref>Բոցավառ (իսպ․)։</ref> անվանել։
 +
 +
― Այդ վսեմ ձայնը, ― ասաց Կարկովը։ ― Այդ վսեմ դեմքը։ Գրեցե՛ք, ― ասաց։ ― Մի՛ պատմեք։ Կարիք չկա ամբողջ պարբերություններ իմ վրա վատնելու։ Հենց հիմա վեր կացեք, գնացե՛ք ու գրեցե՛ք։
 +
 +
― Ինչո՞ւ հենց հիմա։
 +
 +
― Ինձ թվում է, որ ճիշտը դա է, ― ասաց Կարկովը և նայեց նրան, հետո շրջվեց։
 +
 +
Ուռած աչքերով մարդը մի քանի րոպե ևս վոդկայի բաժակը ձեռքին կանգնած մնաց այնտեղ՝ կլանված այն գեղեցկությամբ, որ տեսել ու լսել էր, հետո դուրս եկավ սենյակից ու գնաց գրելու։
 +
 +
Կարկովը մոտեցավ կարճահասակ, պնդակազմ, զվարթ դեմքով, բաց կապույտ աչքերով, նոսրացող խարտյաշ մազերով ու դեղնավուն բեղերի տակ ժպտացող բերանով շուրջ քառասունութամյա մի տղամարդու։ Նա համազգեստով էր։ Դիվիզիայի հրամանատար էր։ Դիվիզիայի հրամանատար էր, հունգարացի։
 +
 +
― Այստե՞ղ եք եղել, երբ Դոլորեսն եկել է, ― հարցրեց Կարկովը նրան։
 +
 +
― Այո։
 +
 +
― Այդ ի՞նչ պատմություն է։
 +
 +
― Իբր թե ֆաշիստներն իրար են խփել։ Հիանալի է, եթե ճիշտ է։
 +
 +
― Շատ են խոսում վաղվա մասին։
 +
 +
― Խայտառակություն է։ Բոլոր ժուռնալիստներին պետք է գնդակահարել, դրանց հետ և այստեղ հավաքվածների մեծ մասին, առաջինը այդ կեղտոտ, խառնակիչ գերմանացուն՝ Ռիխարդին։ Իսկ ով այդ տոնավաճառի խեղկատակին բրիգադ է վստահել, պիտի գնդակահարել առանց որևէ խոսքի։ Թերևս ինձ ու ձեզ էլ պետք է գնդակահարել։ Թերևս, ― ծիծաղեց գեներալը։ ― Համենայն դեպս այդ առաջարկությունը մի՛ արեք։
 +
 +
― Նման բաների մասին ես առհասարակ չեմ սիրում խոսել, ― ասաց Կարկովը։ ― Հիշո՞ւմ ես ամերիկացուն, որը մեկ֊մեկ գալիս էր այստեղ։ Ճանաչում եք, Ջորդանը, պարտիզանների հետ է գործում։ Նա հիմա այնտեղ է, հենց այնտեղ, որտեղ այդ պատմություններն են իբր տեղի ունեցել։
 +
 +
― Եթե այդպես է, ուրեմն այս գիշեր նա զեկուցագիր կուղարկի, ― ասաց գեներալը։ ― Ինձ ներքևում այնքան էլ չեն սիրում, թե չէ կգնայի կիմանայի ձեզ համար։ Կարծեմ նա հիմա Գոլցի հետ է աշխատում, չէ՞։ Դուք վաղը Գոլցին կտեսնեք։
 +
 +
― Այո, առավոտ շուտ։
 +
 +
― Մինչև գործերը կարգի չընկնեն, աչքին չերևաք, ― ասաց գեներալը։ ― Նա էլ ինձ նման տանել չի կարող ձեզ՝ գարշելիներիդ։ Բայց նա ավելի մեղմ մարդ է։
 +
 +
― Բայց դուք սրա մասին․․․
 +
 +
― Երևի ֆաշիստները ինչ֊որ զորավարժեր էր կատարել, ― քմծիծաղեց գեներալը։ ― Ա՛յ, վաղը կտեսնենք, թե ինչպես է Գոլցը նրանց լավ զորաշարժեցինք։
 +
 +
― Լսել եմ, որ դուք ևս պատրաստվում եք ճանապարհորդության, ― ասաց Կարկովը՝ ժպտալիս ցույց տալով փչացած ատամները։ Գեներալը զայրացած պոռթկաց․
 +
 +
― Ես ևս։ Հիմա էլ ինձ են գցում բերանները։ Ոչ մեկիս պրծում չկա։ Բամբասանքի բույն։ Եթե թեկուզ մի հոգի գտնվեր, որը կարողանար փակ պահել բերանը, այս երկիրը կփրկվեր, միայն թե այդ մի հոգին հավատար դրան։
 +
 +
― Ձեր ընկերը՝ Պրիետոն, կարողանում է բերանը փակ պահել։
 +
 +
― Նա էլ հաղթանակին չի հավատում։ Ո՞նց հաղթես, եթե չես հավատում ժողովրդին։
 +
 +
― Դա արդեն ինքներդ որոշեք, ― ասաց Կարկովը։ ― Ես գնամ մի քիչ քնեմ։
 +
 +
Նա դուրս եկավ ծխով ու բամբասանքով լցված սենյակից և գնաց ննջարան, նստեց անկողնու վրա ու քաշեց, ոտներից հանեց սապոգները։ Հավաքվածների ձայնը հասնում էր ննջարան, վեր կացավ, դուռը փակեց ու բացեց լուսամուտը։ Շորերը չհանեց, որովհետև ժամը երկուսին վեր էր կենալու և Կոլմենարի, Սերսեդայի ու Նավասեռադայի վրայով գնալու էր ռազմաճակատ, որտեղ լուսաբացին Գոլցն սկսելու էր հարձակումը։
 +
 +
==Գլուխ երեսուներեքերորդ==
 +
 +
Առավոտյան ժամը երկուսն էր, որ Պիլարն արթնացրեց նրան։ Ձեռքով կամաց խփեց ուսին, Ռոբերտ Ջորդանին սկզբում թվաց, թե Մարիան է, գլորվեց աղջկա կողմն ու «նապաստակս» ասաց։ Հետո, երբ կնոջ խոշոր ձեռքը թափ տվեց ուսը, վեր թռավ և արդեն բոլորովին սթափ, ձեռքը տարավ մերկ սրունքի կողքին ընկած ատրճանակին։ Այնպես էր ձգված, կարծես հենց ինքը կրակելու պատրաստ զենք լիներ։
 +
 +
Մութ էր, բայց ճանաչեց Պիլարին, նայեց թևին կապած ժամացույցի փոսփորափայլ սլաքին և երբ տեսավ, որ ժամը ընդամենը երկուսն է, հարցրեց․
 +
 +
― Ի՞նչ է պատահել, կի՛ն։
 +
 +
― Պաբլոն գնացել է, ― ասաց նա։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը հագավ շալվարն ու կոշիկները։ Մարիան չէր արթնացել։
 +
 +
― Ե՞րբ, ― հարցրեց։
 +
 +
― Մի ժամ կլինի։
 +
 +
― Եվ ի՞նչ։
 +
 +
― Քո իրերից ինչ֊որ բան է հետը տարել, ― խեղճացած ասաց կինը։
 +
 +
― Այդպես։ Ի՞նչ։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց կինը։ ― Արի տե՛ս։
 +
 +
Մթության մեջ նրանք շարժվեցին դեպի քարայրի մուտքը, քաշեցին տապճակն ու ներս գնացին։ Շնչելով մոխրի ու քնած մարդկանց հոտով ծանրացած օդը, Ռոբերտ Ջորդանը քայլում էր Պիլարի ետևից՝ էլեկտրական լապտերիկով լուսավորելով առաջը, որպեսզի ոտքը չառնի հատակին պառկած մարդկանց։ Անսելմոն արթնացավ ու հարցրեց․
 +
 +
― Ժամանա՞կն է։
 +
 +
― Ոչ, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը։ ― Քնի՛ր, ծերուկ։
 +
 +
Ուսապարկերը Պիլարի անկողնու գլխավերևում էին, քարայրի այդ հատվածը տապճակով բաժանված էր մնացյալներից։ Երբ Ռոբերտ Ջորդանը չոքեց անկողնու վրա, որպեսզի լապտերիկով լուսավորի ուսապարկերը, զգաց այն հեղձուցիչ, սիրտ խառնող չորացած քրտնքի հոտը, որ փչում էր հնդկացիների անկողիններից։ Երկու ուսապարկերն էլ վերևից ներքև ճղված էին դանակով։ Ձախ ձեռքով լապտերը բռնած՝ Ռոբերտ Ջորդանն աջով սկսեց ստուգել առաջին ուսապարկը։ Դրա մեջ ննջապարկն էր դնում, դրա համար էլ կիսով էր լցված։ Պայթուցիչի փայտյա արկղը չկար։ Չկային նաև սիգարի տուփի մեջ խնամքով փաթեթավորված դետոնատորները։ Անհետացել էր բեկֆորդյան քուղն ու կապսուլներ պարունակող թիթեղյա տուփը։ Մի քիչ մետաղալար էր միայն մնացել։
 +
 +
Ռոբերտ Ջորդանն ստուգեց մյուս ուսապարկը։ Պայթուցիկները տեղն էին։ Մի փաթեթ թերևս հանված լիներ։
 +
 +
Վեր կացավ և նայեց կնոջը։ Երբ առավոտյան շատ կանուխ գալիս են ու արթնացնում, մարդ մի ճնշող դատարկություն է զգում, ինչ֊որ վերահաս աղետի սարսափ։ Այդպիսի զգացողություն էր համակել հիմա Ռոբերտ Ջորդանին, բայց սովորականից ավելի ուժգին։
 +
 +
― Սա էր, հա՞, հսկելդ, ― ասաց նա։
 +
 +
― Գլխիս տակ էի դրել, ձեռքս էլ վրան էի պահել ու այդպես քնել, ― ասաց Պիլարը։
 +
 +
― Լավ ես քնել։
 +
 +
― Լսիր թե ոնց է եղել, ― ասաց կինը։ ― Գիշերը վեր կացավ, հարցրեցի՝ «Այդ ո՞ւր, Պաբլո», ասաց՝ «Միզելու», շրջվեցի ու քնեցի։ Արթնացա, տեսա դեռ չի եկել, մտածեցի ձիերին նայելու է գնացել, սովորաբար այդպես էր լինում։ Հետո, ― խեղճացած ձայնով ավարտեց նա, ― երբ տեսա, որ չի գալիս, սկսեցի անհանգստանալ, ձեռքս գցեցի ուսապարկերին, որպեսզի համոզվեմ տեղում են թե ոչ, տեսա ճղված են, վեր կացա ու եկա մոտդ։
 +
 +
― Գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Դուրս եկան։ Խոր գիշեր էր, լուսաբացի ոչ մի նշան չկար տակավին։
 +
 +
― Կարո՞ղ էր ձիով առանց պահակակետերի մոտից անցնելու գնալ։
 +
 +
― Այո՛, երկու այդպիսի տեղ կա։
 +
 +
― Վերևում ո՞վ է կանգնած։
 +
 +
― Էլադիոն։
 +
 +
Մինչև մարգագետին՝ ձիերի մոտ հասնելը, նա այլևս ոչինչ չասաց։ Երեք ձի արածում էին մարգագետնում։ Աշխետն ու մոխրագույնը չկային։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, ինչքա՞ն ժամանակ կլինի, որ գնացել է մոտիցդ։
 +
 +
― Երևի մի ժամ։
 +
 +
― Դե էլ ի՞նչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Գնամ վերցնեմ, ինչ մնացել է ուսապարկերում ու մի քիչ էլ քնեմ։
 +
 +
― Ես կպահեմ։
 +
 +
― Que va, կպահե՜ս։ Արդեն մի անգամ պահեցիր։
 +
 +
― Ingles, ― ասաց կինը։ ― Ես քեզանից պակաս չեմ տանջվում դրա համար։ Ամեն ինչ կանեի, որպեսզի ետ բերեի իրերդ։ Կարիք չկա ինձ վիրավորելու։ Պաբլոն երկուսիս է դավաճանել։
 +
 +
Այս խոսքի վրա Ռոբերտ Ջորդանն հասկացավ, որ զայրանալն ավելորդ շքեղություն է, որ իրավունք չունի այդ կնոջ հետ գժտվելու։ Նրա հետ է գործելու այս ամբողջ օրը, որից առայժմ երկու ժամ է անցել։
 +
 +
Նա ձեռքը դրեց կնոջ ուսին։
 +
 +
― Ոչինչ, Պիլար, ― ասաց։ ― Տարածն այնքան էլ կարևոր չէ։ Մի բան կմտածենք, ամեն ինչ լավ կլինի։
 +
 +
― Բայց ի՞նչ է տարել։
 +
 +
― Ոչինչ, կին։ Որոշ շքեղություններ։
 +
 +
― Պայթեցման մեխանիզմի մասե՞ր էլ է տարել։
 +
 +
― Տարել է։ Բայց ուրիշ ձևով էլ կարելի է պայթեցնել։ Լսի՛ր, Պաբլոն բեկֆորդյան քուղ ու կապսուլ չունե՞ր։ Նրան պետք է տված լինեն։
 +
 +
― Տարել է, ― ասաց կինը խղճակի ձայնով։ ― Ես տեղնուտեղը ստուգեցի։ Դրանք էլ է տարել։
 +
 +
Անտառի միջով նորից քայլեցին դեպի քարայրի մուտքը։
 +
 +
― Գնա քնի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Առանց Պաբլոյի ավելի հանգիստ կլինի։
 +
 +
― Ես գնամ Էլադիոյին տեսնեմ։
 +
 +
― Նա ուրիշ ճանապարհով գնացած կլինի։
 +
 +
― Միևնույն է, պիտի գնամ։ Այս դավաճանության համար ես եմ մեղավոր։ Ո՞նց միամտացա։
 +
 +
― Ավելորդ խոսքեր են, ― ասաց նա։ ― Գնա քնի՛ր։ Ժամը չորսին պետք է ճանապարհ ընկնենք։
 +
 +
Կնոջ հետ մտավ քարայր, ուսապարկերը գիրկն առավ, որպեսզի պատռվածքներից իրերը չթափվեն, և դուրս եկավ։
 +
 +
― Թող կարեմ։
 +
 +
― Ճանապարհ ընկնելուց առաջ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը ցածրաձայն։ ― Մոտս եմ վերցնում, որպեսզի հանգիստ քնեմ, չմտածես, թե չեմ վստահում։
 +
 +
― Դե մի քիչ շուտ կտաս, որպեսզի կարեմ։
 +
 +
― Շուտ կտամ, ― ասաց կնոջը։ ― Գնա քնի՛ր, Պիլար։
 +
 +
― Չէ, ― ասաց։ ― Ես ձախողեցի և՛ քո գործը, և՛ Հանրապետության։
 +
 +
― Գնա՛ քնի՛ր, Պիլար, ― ասաց մեղմ ձայնով։ ― Գան՛ քնի՛ր։
 +
 +
 +
==Գլուխ երեսունչորսերորդ==
 +
 +
Բարձունքները ֆաշիստների ձեռքին էին։ Հովիտը հիմնականում ազատ գոտի էր, եթե չհաշվենք ագարակի կից կառույցներում ու ամրացված մարագում տեղավորված ֆաշիստական պահակակետը։ Ռոբերտ Ջորդանի զեկուցագիրը Գոլցին տանելու ճանապարհին Անդրեսը երկար պտույտ կատարեց, որպեսզի շրջանցի այդ պահակակետը։ Նա հիշում էր, որ այդ մասերում լար է քաշված, և ծայրը կապված է գնդացրի ձգանին, մթության մեջ նա գտավ լարը, թռավ վրայով և քամուց խշխշացող բարդիներով եզերված գետակի ափով շարունակեց ճանապարհը։ Ագարակում մի աքլոր կանչեց, առանց կանգ առնելու նա ետ նայեց և բարդիների բների արանքով տեսավ ծայրամասի պատուհաններից մեկում երևացող լույսը։ Խաղաղ, պայծառ գիշեր էր, Անդրեսը թեքվեց և գնաց մարգագետնի միջով։
 +
 +
Անցյալ տարվա հուլիսից, երբ այստեղ մարտեր էին մղվում, մարգագետնում խոտի չորս դեզ էր մնացել։ Ոչ ոք ձեռք չէր տվել դեզերին, տարվա չորս եղանակներն անցել էին նրանց վրայով ու նստեցրել, փտեցրել էին։
 +
 +
Երկու դեզի արանքում ձգված լարի վրայից անցնելիս, Անդրեսը մտածեց, որ ափսոս է խոտը։ Հանրապետականները կարող էին մարգագետնի մյուս ծայրին գտնվող Գվադառամայի սարալանջով այն քաշել տանել, իսկ ֆաշիստները, կարծում եմ, դրա կարիքը չունեն։
 +
 +
Նրանք խո՛տ էլ ունեն, ցորեն էլ։ Ինչքան ասես։ Ամեն ինչ էլ ունեն, մտածեց նա։ Բայց ոչինչ, առավոտյան կհասցնենք դրանց։ Առավոտյան Սորդոյի մուռը կհանենք։ Բարբարոսնե՛ր։ Սպասե՛ք, առավոտյան այնպես բարձրացնենք ձեր փոշին։
 +
 +
Ուզում էր զեկուցագիրը շուտ տեղ հասցնել ու վերադառնալ, որպեսզի կարողանար մասնակցել կամրջի կռվին։ Բայց իսկապե՞ս ուզում էր վերադառնալ, թե՞ ձևացնում էր, որ ուզում է։ Նա հիշեց, թե ինչպիսի թեթևության զգացմունքով համակվեց, երբ Ingles֊ն հանձնարարեց այդ նամակը տեղ հասցնել։ Մինչև այդ պահը առավոտվա հեռանկարը չէր անհանգստացրել։ Գործ էր, պիտի արվեր։ Նա կողմ էր քվեարկել և պատրաստ էր կռվելու։ Սորդոյի խմբի ոչնչացումը ահավոր ձևով ազդել էր վրան։ Բայց վերջին հաշվով կործանվողը Սորդոն էր։ Իրենք չէին։ Իսկ իրենք իրենցը կանեն։
 +
 +
Երբ Ingles֊ն իրեն հանձնարարեց նամակը տանել, նույն այն զգացողությունն ունեցավ, ինչ մանկության տարիներին ունենում էր գյուղում, երբ տոն օրերին առավոտյան արթնանում էր և լսում էր անձրևի տարափը, դա նշանակում էր, որ գետինը թաց է և հրապարակում ցլերի հետապնդումը չի կայանա։
 +
 +
Մանուկ հասակից սիրել էր ցլերի հետապնդումը, միշտ սպասել էր այն պահին, երբ վազելով կգա արևի տակ այրվող, փոշոտ, երեք կողմից շրջափակված հրապարակն ու կտեսնի, թե ինչպես են վանդակից բաց թողնում ցուլը, որը դուրս է գալիս, սայթաքում է, փորձում է կանգուն մնալ։ Հուզմունքով, հիացմունքով ու քրտնածոր սարսափով էր միշտ սպասում այն պահին, երբ սայթաքող ցլի եղջյուրները կբախվեն վանդակի տախտակե ճաղերին, երբ կենդանին, չորս ոտքերն ամուր սեղմած գետնին, կկանգնի՝ վիզը ձգած, գլուխը բարձր, ռունգերը լայնացած, ականջները թրթիռով բռնված, սև մորթին փոշոտված, չորացած թրիքը կպած կողերին, հեռանիստ աչքերն անթարթ, լայնաբաց եղջյուրները ողորկ, կարծր, պսպղուն, ինչպես ավազից հղկված փայտը ծովափին և այնպես սուրսայր, որ տեսքն իսկ բավական է, որպեսզի սիրտդ կանգ առնի։
 +
 +
Ամբողջ տարին նա սպասում էր այն պահին, երբ ցուլը դուրս էր գալու հրապարակ, հավաքվածների միջից աչքերով որոնելու էր թիրախը և, հանկարծ, գլուխը ցած գցած, եղջյուրներն առաջ մղած, արագ, կատվացատկերով նետվելու էր մարդկանց վրա, նետվելու էր և սիրտդ կանգ էր առնելու։ Մանուկ հասակից նա կլոր տարին սպասել էր այդ պահին։ Բայց այն զգացողությունը, որ համակեց նրան նամակը տանելու մասին Ingles֊ի հանձնարարությունը լսելիս, նման էր այն մեկին, երբ արթնանում էր ու թեթևացած լսում տանիքի կղմինդրներին, որմնաքարերին, գյուղի հրապարակի հողե հատակի ջրափոսերի մեջ թափվող անձրևի ձայնը։
 +
 +
Գյուղական capea֊ների ժամանակ նա միշտ էլ քաջաբար էր դիմավորել ցուլին, նույնքան քաջաբար, ինչքան որևէ մեկը իրենց կամ մոտակա գյուղերում, և ոչ մի անգամ, ոչ մի գնով իրենց գյուղի capea֊ները բաց չէր թողել, հարևան գյուղերը չէր գնում։ Նա կարող էր հանգիստ կանգնել ու սպասել ցուլի ոստյունին և միայն վերջին վայրկյանին մի կողմ ցատկել։ Վերցնում էր մի պարկ ու խաղացնում ցուլի մռութի առաջ, որպեսզի նրա ուշադրությունը շեղի գետին ընկած մարդուց, քանի֊քանի անգամ է ցուլի եղջյուրներից բռնել ու խանգարել կոտոշահարելու ընկածին, եղջյուրներից բռնել ու ձգել է, այնքան է խփել, այնքան է քացով մռութին հասցրել, որ ցուլը թողել է ընկածին, որպեսզի մեկ ուրիշի վրա հարձակվի։ Կամ էլ պոչից էր բռնում ու ձգում, որպեսզի հեռու քաշի ընկածից, ամբողջ ուժով ձգում էր, հետն էլ ոլորում։ Մի անգամ էլ պոչը փաթաթել էր մի ձեռքին, մյուսով էլ եղջյուրն էր բռնել, և երբ ցուլը շուռ էր եկել, որպեսզի իր վրա նետվի, սկսել էր նրա հետ, պոչն ու եղջյուրը բռնած, պտույտ գալ, մինչև որ մարդիկ վրա էին թափվել ու դանակահարել էին կենդանուն։ Փոշոտ, շոգ, մարդկանց, ցուլի և գինու հոտով բռնված այդ հրապարակում, գոռգոռոցով վրա թափվող ամբոխի մեջ նա միշտ առաջիններից մեկն էր իրեն ցուլի վրա գցում։ Հիմա էլ տակավին չի ջնջվել այն զգացողությունը, որն ունենում էր այն օրերին, երբ հեծում էր ցուլի վզակոթին և նա դես էր գցվում, դեն էր զարկվում, իսկ ինքը՝ արմունկը դեմ առած եղջյուրի հիմքին, մյուս ձեռքով երկրորդ եղջյուրն ամուր բռնած, գալարվում էր, շուռումուռ գալիս, և մինչ թվում էր ուր որ է ձախ թևը դուրս կընկնի հոդախաղից՝ հեծեծ տաք, փոշոտ, ստևոտ, ցնցվող մկանի թմբիկին, ատամներով կառչած կենդանու ականջին, մխրճում էր դանակը պրկված վզակոթի մեջ, մխրճում էր նորից, նորից, տաք արյունը ողողում էր դաստակը, և ինքն ամբողջ ծանրությամբ ընկնում էր ցուլի վզակոթի վրա և նորից ու դարձյալ մխրճում դանակը։
 +
 +
Երբ առաջին անգամ այդպես ատամներով կառչեց ականջից և ծնոտն ու վիզը պրկած անշարժ մնաց, սկսեցին գյուղով մեկ ձեռ առնել։ Ճիշտ է, ձեռ էին առնում, բայց և հարգում էին։ Հետագայում ամեն տարի կրկնում էր այդ գործողությունը։ Ցուլի ականջը կծելու համար անունը դրեցին Վիլլակոնեխոսի բուլդոգ։ Բայց ամբողջ գյուղով սպասում էին դարձյալ ու դարձյալ ականատես լինելու դրան, իսկ ինքն արդեն անգիր գիտեր, թե ինչպես կլինի՝ նախ ցուլը դուրս կգա հրապարակ, հետո կնետվի որևէ մեկի վրա և երբ ամեն մի կողմից թափվեն կենդանուն սպանելու, ինքը կթռչի֊կնստի ցուլի մեջքին։ Հետո, երբ ամեն ինչ վերջանա և դանակահարողների ծանրության տակ կենդանին վերջին շունչը փչի, ինքը վեր կկենա ու կքայլի՝ մի քիչ ամաչելով, որ նորից կծեց ցուլի ականջը, բայց ավելի շատ հպարտ, տղամարդ մարդ զգալով իրեն։ Եվ կգնա սայլերի արանքներով՝ քառակուռ աղբյուրի ջրով ձեռքերը լվանալու, և մարդիկ կթփթփացնեն թիկունքին, գինու տիկերը կմեկնեն իրեն ու կասեն՝ «Ուռա՜ Բուլդո՛գ։ Աստված քո մորը երկար կյանք տա»։ Կամ էլ կասեն՝ «Ա՛յ թե ինչ է նշանակում ջուխտ cojones ունենալ։ Տարի չկա, որ չանի»։
 +
 +
Այդ պահերին նեղվում էր, ամաչում, ինչ֊որ դատարկության զգացումով համակվում, միաժամանակ նաև հպարտ ու երջանիկ էր զգում իրեն, սակայն ուզում էր ազատվել շրջապատողներից ու գնալ լվանալ ձեռքերը, ամբողջ աջ թևը, դանակը, հետո վերցնել գինու տիկն ու ողողել բերանը և մի տարով էլ մոռացության տալ ցուլի ականջի համը, և ողողում էր բերանը ու թքում հրապարակի սալերին, հետո բարձրացնում էր տիկն ու կլկլացնելով ուղիղ կոկորդն էր լցնում գինին։
 +
 +
Այո՛, Վիլլակոնեխոսի բուլդոգը ոչ մի գնով չէր հրաժարվի գյուղի capea֊ից։ Բայց և այնպես շատ հաճելի զգացողություն է, երբ առավոտյան արթնանում ես, լսում անձրևի ձայնը և հասկանում, որ այդ օրը գյուղում capea չի լինի։
 +
 +
Բայց ես պետք է վերադառնամ։ Ինչ ուզում է լինի, ես պետք է վերադառնամ ու հասնեմ կամրջի ու պահակակետերի կռվին։ Էլադիոն է այնտեղ, եղբայրս, միսս ու ոսկորս։ Անսելմոն է այնտեղ, Պրիմիտիվոն, Ֆերնանդոն, Ագուստինը, Ռաֆայելը, թեև այս մեկը մի բանի նման չէ, կանայք են այնտեղ, Պաբլոն, Ingles֊ը։ Ingles֊ին կարելի է չհաշվել, նա օտարական է ու հրաման է կատարում։ Բոլորը մասնակցելու են այս կռվին, և ես իրավունք չունեմ ինչ֊որ նամակի պատճառով գլուխս պրծացնելու այս փորձությունից։ Ես պետք է արագ տեղ հասցնեմ այս ծրարը և շտապ վերադառնամ, որպեսզի հասնեմ կռվին։ Ամոթ է, որ ինչ֊որ նամակի պատճառով ես ետ մնամ։ Ուրեմն պարզ է, վերադառնալու եմ։ Բայցի այդ, հանկարծ մտածեց նա, հաճելի էլ է, ֆաշիստ ենք սպանելու։ Ինչքա՜ն ժամանակ է արդեն, որ ոչ մեկին չենք սպանել։ Ա՜յ օր է լինելու վաղը։ Իսկական օր։ Թող շուտ գա այդ օրը, ես էլ բարով հասցնեմ սա ու վերադառնամ։
 +
 +
Այդ պահին, երբ որոճի միջով քայլում էր զառիթափն ի վեր դեպի հանրապետականների գծերը, ոտքերի առաջից, խավարի մեջ մի կաքավ թևերն ուժգին թափահարեց ու թռավ։ Վախից շունչը կտրվեց։ Հանկարծակիի եկա, դրանից էր, մտածեց նա։ Ո՞նց են այդպես արագ թափահարում թևերը։ Երևի թուխս է նստել։ Հավանաբար ոտս շատ մոտիկ դրեցի։ Եթե պատերազմ չլիներ, հիմա թաշկինակս կկապեի այս թփին և ցերեկով կգայի֊կգտնեի այս բույնը, ձվերը կտանեի թխսկան հավի տակ կդնեի ու փոքրիկ կաքավներ կունենայի իմ հավանոցում և կպահեի, կմեծացնեի, կդարձնեի որսախայծեր։ Աչքերը չէի հանի։ Բայց որ չհանեմ, կթռչեն֊կգնան։ Կարող է։ Ուրեմն պետք է հանել աչքերը։
 +
 +
Բայց ո՞նց կհանես քո մեծացրած կենդանու աչքերը։ Կարելի է թևերը կտրել կամ էլ ոտից կապ գցել։ Պատերազմ չլիներ, Էլադիոյի հետ կգնայի ֆաշիստների պահակակետի մոտի գետակն ու խեցգետին կբռնեի։ Մի անգամ այդ գետակում չորս դյուժին խեցգետին բռնեցինք մեկ օրվա մեջ։ Եթե այս կռվից հետո Սիեռա դե Գրեդոս քաշվենք, լավ կլինի, այնտեղ հրաշալի գետակներ կան, մեջը լիքը կարմրախայտ ու խեցգետին։ Լավ կլիներ, եթե գնայինք, մտածեց նա։ Ամռանն ու աշնանը լավ կյանք կարելի է անել Գրեդոսում, բայց ձմեռը սարսափելի ցուրտ է։ Գուցե մինչև ձմեռ հաղթենք ու վերջացնենք այս պատերազմը։ Ի՞նչ կասես։
 +
 +
Եթե մեր հայրը հանրապետական չլիներ, հիմա Էլադիոն էլ, ես էլ ֆաշիստական զինվորներ կլինեինք, իսկ ֆաշիստական զինվորի համար ոչ մի խնդիր գոյություն չունի։ Կատարիր հրամանը, մեռա՞ր, մեռար, չմեռա՞ր՝ կապրես, մի խոսքով՝ ինչ֊որ լինելու է, կլինի։ Իշխանություններին հնազանդ ապրելն ավելի հեշտ է, քան նրանց դեմ պայքարելը։
 +
 +
Բայց այս պարտիզանությունը շատ պատասխանատու բան է։ Եթե անհանգիստ մտքի տեր մարդ  ես, անընդհատ մտատանջվում ես։ Էլադիոն ավելի շատ է միտք անում, քան ես։ Նա շատ է մտահոգվում։ Ես հավատում եմ մեր գործի ճշտությանը, դրա համար էլ չեմ մտատանջվում։ Բայց շատ պատասխանատու գործ է մեր արածը։
 +
 +
Ինձ թվում է, որ մենք շատ դժվար ժամանակ ենք ծնվել, մտածեց նա։ Ինձ թվում է, առաջ ավելի հեշտ է եղել։ Մենք դժվարություններին դիմանում ենք, որովհետև հենց սկզբից էլ դա է եղե մեր կյանքը։ Ով դրան սովոր չէ, նա այստեղ անելիք չունի։ Դժվար ժամանակ է, որովհետև պետք է ինքներս որոշում ընդունենք։ Երբ ֆաշիստները մեզ վրա հարձակվեցին, ամեն ինչ որոշվեց֊վերջացավ։ Մենք կռվում ենք, որպեսզի ապրենք։ Ես ուզում եմ ապրել, որպեսզի կարողանամ թաշկինակս կապել այն թփին և ցերեկով գալ, հանել ձվերը, դնել թխսկան հավի տակ ու կաքավի ձագեր ունենալ մեր բակում։ Սա է ընդամենը իմ ուզածը։ Այսպիսի փոքրիկ ու հասարակ մի բան։
 +
 +
Բայց դու ոչ քո տունն ունես ոչ էլ քո անտուն բակը, մտածեց նա։ Դու ընտանիք էլ չունես, քո ունեցածը այդ մի եղբայրդ է, որը վաղը կգնա կռվի, մեկ էլ քամին է, արևը և դատարկ փորդ։ Քամին հիմա համարյա չի խաղում, մտածեց նա, իսկ արևը մայր է մտել։ Գրպանումդ չորս նռնակ ունես, մտածեց նա, բայց դրանք էլ գցելու համար են միայն։ Կարաբին ունես ուսիցդ կախած, դա էլ փամփուշտներ արձակելու համար է։ Գրպանումդ նամակ կա, պիտի հանձնես։ Մեջդ լիքը կղանք է, դա էլ հողին պահ կտաս, քմծիծաղեց մթության մեջ։ Հետն էլ կարող ես մեզդ։ Դու միայն տալ կարող ես։ Դո՛ւ, փիլիսոփա։ Դո՛ւ, դժբա՛խտ մարդ, ասաց ինքն իրեն ու նորից քմծիծաղեց։
 +
 +
Բայց հակառակ այդ բոլոր ազնիվ մտորումներին, թեթևացած լինելու զգացողությունը մնում էր, այն, որ ունենում էր գյուղում, երբ առավոտյան, ֆիեստայից առաջ, լսում էր թափվող անձրևի ձայնը։ Դիմացը, սարի կատարին, հանրապետական զորքերի դիրքերն էին․ նա գիտեր, որ այդտեղ իրեն ձայն կտան։
 +
 +
 +
==Գլուխ երեսունհինգերորդ==
 +
 +
Ռոբերտ Ջորդանը մտավ ննջապարկը և պառկեց դեռևս քնած Մարիայի կողքին։ Պառկեց կողքի վրա, թիկունքով՝ աղջկան, զգաց, թե ինչպես մարմնի ողջ երկարությամբ հպվել են իրար, հիմա դա ոնց որ ծաղր լիներ։ Կատաղությունից ուտում էր իրեն։ Դու այդ ի՞նչ արեցիր, դո՛ւ։ Այո՛, դո՛ւ։ Չէ՞ որ առաջին իսկ հանդիպման ժամանակ դու ինքդ ասացիր, որ հենց այն պահին, երբ նա սիրալիրություն ցույց կտա, իմացիր, որ դավաճանությունը պատրաստ է։ Անիծյալ ապուշ։ Երիցս անիծյալ ապուշ։ Լա՛վ, վերջացրո՛ւ։ Հիմա դրա ժամանակը չէ։
 +
 +
Կարո՞ղ է թաքցրած լինել կամ գցած լինի մի կողմի վրա։ Հազիվ թե։ Եթե գցած էլ լինի, այս մթանը ո՞նց կգտնես։ Հետը տարած կլինի։ Պայթուցիկ էլ է վերցրել։ Ա՜խ, դու կեղտո՛տ, ստո՛ր, հարբեցող դավաճա՛ն։ Կղա՛նք։ Գնո՞ւմ էիր, գնայիր, էլ պայթուցիչն ու դետոնատորներն ո՞ւր ես տանում։ Ես ինչո՞ւ այդպես հիմարացա ոը թողեցի դրանք այդ անիծյալ կնոջ մոտ։ Խորամա՛նկ, դավաճա՛ն պոռնկորդի։ Կետո՛տ cabron:
 +
 +
Վերջացրո՛ւ, հանգստացի՛ր, ասաց ինքն իրեն։ Այս գործն առանց ռիսկի չէր լինի։ Դե հիմա խաբվել ես։ Այն էլ ո՜նց, չորս ոտով ես ընկել։ Լա՛վ, գլուխդ մի՛ կորցրու, կատաղությունդ մի կողմ դիր, բավական է ողբաս ու քեզ պատերով տաս։ Գնացին իրերդ։ Գնացին ու վերջ։ Գրողի ծոցը գնար այդ կեղտոտ խոզը։ Հիմա մտածիր, թե ոնց ես սրա տակից դուրս գալու։ Դուրս պիտի գաս, ոնց ուզում ես արա, բայց կամուրջը պիտի պայթեցնես, թեկուզ ինքդ կանգնես տակը․․․ Մի հիմարություն էլ դա, վերջացրո՛ւ։ Արի պապիցդ խորհուրդ հարցրու։
 +
 +
Տո իմ պապին էլ, տո այս դավաճան անիծյալ երկիրն էլ, այդ կեղտոտ իսպանացիներին էլ, այս կողմիններին էլ, այն կողմիններին էլ, տո բոլորին էլ։ Լարգոյին էլ, Պրիետոյին էլ, Անսելմոյին էլ, Միախային էլ, Ռոխոյին էլ, բոլորին։ Առանձին֊առանձին և բոլորին միասին։ Դավաճանությամբ լցված այս ամբողջ երկրին։ Դրանց եսապաշտության, ինքնահավանության, ինքնագոհության, դավաճանության։ Անիծվեն դրանք։ Ո՞ւր ենք դրանց համար մեռնում։ Մեռնելուց առաջ ես դրանց։ Մեռնելուց հետո էլ։ Սատկեն դրանք, գրողի ծոցը գնան։ Ես քո Պաբլոյի։ Դրանք բոլորն էլ Պաբլո են։ Ո՜վ աստված, գթա՛ իսպանացի ժողովրդին։ Այս երկրի բոլոր առաջնորդներն էլ թքած են ունեցել նրա վրա։ Երկու հազար տարվա ընթացքում միայն մի լավ մարդ է եղել՝ Պաբլո Իգլեսիասը, բոլոր մնացածները թքել են ժողովրդի վրա։ Ի՞նչ իմանաս, թե նա ինչպես կպահեր իրեն այս պատերազմում։ Հիշում եմ, մի ժամանակ Լարգոն ինձ կարգին մարդ էր թվում։ Դուրուտին էլ լավ մարդ էր, և հենց իր մարդիկ էլ սպանեցին նրան Պուենտե֊դե֊լոս֊Ֆրանկեսեսում։ Սպանեցին, որովհետև նրանց հարձակման էր տանում։ Սպանեցին անկարգապահության փառավոր կարգապահությամբ։ Վախկոտ խոզեր։ Գրողի ծոցը բոլորն էլ։ Այդ Պաբլոն էլ, որ պայթուցիչս ու դետոնատորներս առավ ու ծլկեց։ Դժոխքի խորխորատը ծլկեր։ Ո՛չ։ Նա մե՛զ այնտեղ ուղարկեց։ Նրանք բոլորն էլ, Կորտեսից, Մենենդես դե Ավիլայից մինչև Միախա, մեզ են այնտեղ ուղարկել։ Հիշիր, թե ինչ արեց Միախան Կլեբերին։ Այդ եսապաշտ ճաղատ խոզը։ Այդ ձվանման գլխով բութ պոռնկորդին։ Ես այդ խելագար, եսապաշտ, դավաճան խոզերի, որ միշտ եղել են Իսպանիայի կառավարության ու բանակի գլուխը։ Ես դրանց բոլորի, բացի ժողովրդից։
 +
 +
Եվ ինչքան շարունակեց, այնքան չափազանցությունների մեջ ընկավ ու արդեն առանց տարբերակման և անիրավացիորեն ներկեց բոլորին և հետզհետե համոզվեց, որ ինքը ճիշտ չէ, և կատաղությունն սկսեց իջնել։ Եթե այդ բոլորը ճիշտ են, դու ինչո՞ւ ես այստեղ։ Ճիշտ չեն, և ինքդ էլ գիտես։ Նայիր ինչքան լավ մարդիկ կան։ Ինչքան հիանալի մարդիկ։ Նա հիմա ցավում է, որ անարդար էր գտնվել։ Անարդար լինելը նա նույնքան էր ատում, ինչքան դաժանությունը, կատաղությունն էր կուրացրել նրան, բայց զայրույթն սկսել էր աստիճանաբար հանգչել, կարմիր, սև կուրացնող, սպանող զայրույթն հիմա բոլորովին չքացել էր արդեն, հանգիստ էր, ուղեղում խաղաղ դատարկություն էր, այնպիսի մի պայծառություն, դատողության սառնություն, որպիսին լինում է սեռական հարաբերություն ունենալուց հետո մի կնոջ հետ, որին չես սիրում։
 +
 +
― Եվ դու, դու, խեղճ նապաստակ, ― ասաց ու կռացավ Մարիայի վրա, որը քնի մեջ ժպտաց ու սեղմվեց իրեն։ ― Եթե մի քիչ առաջ փորձեիր հետս խոսել, կխփեի քեզ։ Ինչպիսի անասուններ ենք տղամարդիկս, մեր կատաղության պահին։
 +
 +
Նա հիմա սեղմվել էր աղջկան, գրկել, կզակը դրել ուսին, և այդպես պառկած որոշում էր, թե առավոտյան ինչ պիտի անի և ինչպես պիտի անի։
 +
 +
Այնքան էլ վատ չէ, մտածեց նա։ Իսկապես որ այնքան էլ վատ չէ։ Չգիտեմ սրանից առաջ որևէ մեկն այդպիսի բան արդյոք արե՞լ է։ Բայց մեզնից հետո կլինեն մարդիկ, որոնք այսպիսի հանգամանքներում մեզ նման կվարվեն։ Եթե մենք անենք, նրանք էլ մեր արածն իմանան։ Այո, եթե իմանան։ Եթե ստիպված չլինեն գլուխ կոտրելու, թե ինչպես ենք արել։ Շատ քիչ ենք, բայց կարիք չկա անհանգստանալու։ Այսքանով էլ կպայթեցնեմ կամուրջը։ Աստված իմ, ինչ լավ եղավ, որ զայրույթս իջավ։ Ոնց որ բքի մեջ ընկած լինեի, չէի կարողանում շնչել։ Դա էլ է անթույլատրելի շքեղություն։
 +
 +
― Ամեն ինչ հաշված, որոշված է, guapa, ― փսփսաց Մարիայի ուսին։ ― Այդ բոլորը քո կողքով անցան։ Դու ոչինչ չիմացար։ Մենք կսպանվենք, բայց կամուրջը կպայթեցնենք։ Դու դրա մասին անհանգստանալու առիթ չունեցար։ Բայց որպես հարսանեկան նվեր դա այնքան էլ բանի նման չէ։ Ասում են ամենաթանկ բանը գիշերվա խոր քունն է։ Դու այս գիշեր խոր քնել էիր։ Գուցե քունդ որպես ամուսնական մատանի՞ անցկացնես մատիդ։ Քնի՛ր, guapa։ Անո՜ւշ քնիր, սիրելի՛ս։ Ես քեզ չեմ զարթնեցնի։ Հիմա այդքանը կարող եմ անել քեզ համար։
 +
 +
Նա պառկել էր, թեթև գրկել աղջկան, զգում էր նրա շնչառությունը, զգում էր նրա սրտի բաբախյունը և հետևում էր թևին կապված ժամացույցի սլաքի պտույտին։
 +
 +
 +
==Գլուխ երեսունվեցերորդ==
 +
 +
Անդրեսը մոտեցավ հանրապետականների դիրքերին ու ձայն տվեց։ Ավելի ճիշտ, պառկեց եռաշար փշալարերի տակ պատի նման իջնող ժայռի ստորոտին և գոռաց։ Մթության մեջ նա հեշտությամբ կարող էր անցնել այս դիրքի կողքով և մինչև իրեն ձայն տային, գնար հանրապետականների հսկողության տակ եղող հողերով, որովհետև պաշտպանական համատարած գիծ գոյություն չուներ։ Բայց մտածեց, որ այսպես ավելի ապահով ու ավելի պարզ կլինի։
 +
 +
― Salud, ― գոռաց։ ― Salud, milicianos!<ref>Ողջույն զինվորներ (իսպ․)։</ref>
 +
 +
Հրացանի փակաղակի շխկոց լսեց։ Հետո հողաթմբի հեռավոր ծայրից հրացանով կրակեցին։ Խլացուցիչ ճայթուն լսվեց, և դեղին մի գիծ վերևից ներքև ճեղքեց մթությունը։ Փակաղակի շխկոցի վրա Անդրեսը երեսնիվայր պառկեց ու գլուխը կոխեց հողի մեջ։
 +
 +
― Մի՛ կրակեք, ընկերներ, ― գոռաց Անդրեսը։ ― Մի՛ կրակեք։ Ես ձեզ մոտ եմ եկել։
 +
 +
― Քանի՞ հոգի եք, ― գոռաց մեկը հողաթմբի ետևից։
 +
 +
― Մեկ։ Ես։ Մենակ։
 +
 +
― Դու ո՞վ ես։
 +
 +
― Անդրես Լոպեսը, Վիլլակոնեխոսից։ Պաբլոյի խմբից։ Նամակ եմ բերել։
 +
 +
― Հրացանդ ու փամփուշտներդ հետդ ե՞ն։
 +
 +
― Այո, բարեկամ։
 +
 +
― Առանց հրացանի ու փամփուշտների ոչ ոքի չենք ընդունում այստեղ, ― ասաց ձայնը։ ― Եվ պիտի երեք հոգուց ավելի չլինեն։
 +
 +
― Ես մենակ եմ, ― գոռաց Անդրեսը։ ― Շատ կարևոր գործ է։ Թողեք ներս գամ։
 +
 +
Լսեց, որ հողաթմբի ետևում խոսում են, բայց թե ինչ, չէր սլվում։ Հետո նույն ձայնը նորից գոռաց․
 +
 +
― Քանի՞ հոգի եք։
 +
 +
― Մեկ։ Ես։ Մենակ։ Աստծու սիրույն։
 +
 +
Հողաթմբի ետևում նորից էին խոսում։ Հետո ձայնը ասաց․
 +
 +
― Լսի՛ր, ֆաշիստ։
 +
 +
― Ես ֆաշիստ չեմ, ― գոռաց Անդրեսը։ ― Ես guerrillero եմ, Պաբլոյի խմբից։ Նամակ եմ բերել, գլխավոր շտաբին։
 +
 +
― Խելագար է, ― լսվեց վերևից։ ― Մի նռնակ գցիր֊վերջացրո՛ւ։
 +
 +
― Լսի՛ր, ― ասաց Անդրեսը։ ― Ես մենակ եմ։ Միայն ու միայն ես եմ։ Թե մենակ չեմ, սուրբ մասունքի ըսենցն ու ընենցը։ Դե թողեք ներս գամ։
 +
 +
― Բարեպաշտ քրիստոնյա է երևում, ― ասաց մեկն ու ծիծաղեց։
 +
 +
― Ամենից լավն այն է, որ մի նռնակ գցենք ու վերջացնենք, ― ասաց մեկ ուրիշը։
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Անդրեսը։ ― Դա շատ մեծ սխալ կլինի։ Սա կարևոր գործ է։ Թողեք ներս գամ։
 +
 +
Այ սրա համար էր, որ չէր սիրում ռազմաճակատային գիծն անցնել֊դառնալը։ Երբեմն համեմատաբար հաջող էր լինում։ Բայց լավ՝ երբեք չի եղել։
 +
 +
― Մենա՞կ ես, ― նորից լսվեց վերևից եկող ձայնը։
 +
 +
― Me cago en la leche,<ref>Իսպաներեն հայհոյանք։</ref> ― Քանի՞ ամգամ ասեմ։ Մենակ եմ։
 +
 +
― Եթե մենակ ես, կանգնիր ու հրացանդ պահիր գլխիդ վերևը։
 +
 +
Անդրեսը կանգնեց ու կարաբինը երկու ձեռքով պահեց գլխավերևում։
 +
 +
― Հիմա անցիր փշալարերը։ Maquina֊ն վրադ ենք պահել, ― ասաց ձայնը։
 +
 +
Անդրեսը մոտեցել էր փշալարերի առաջին գծին։
 +
 +
― Ձեռքերս այսպես պահած չեմ կարող անցնել փշալարերից, ― գոռաց Անդրեսը։
 +
 +
― Չիջեցնես, ― հրամայեց ձայնը։
 +
 +
― Փշալարին եմ առել, ― գոռաց Անդրեսը։
 +
 +
― Մի նռնակ գցենք վերջանա, ― ասաց մի ձայն։
 +
 +
― Հրացանը թող ուսին գցի, ― ասաց մի ուրիշ ձայն։ ― Ձեռքերն այդպես պահած ո՞նց կարող է անցնել փշալարերից։ Մի քիչ մտածիր։
 +
 +
― Բոլոր ֆաշիստներն էլ նույնն են, ― ասաց մի ուրիշ ձայն։ ― Մեկը չվերջացրած մյուս պայմանն են դնում։
 +
 +
― Լսե՛ք, ― գոռաց Անդրեսը։ ― Ես ֆաշիստ չեմ, guerrillero եմ, Պաբլոյի խմբից։ Մենք ավելի շատ ենք ֆաշիստ կոտորել, քան տիֆը։
 +
 +
― Երբեք չեմ լսել այդ Պաբլոյի խմբի մասին, ― ասաց մի տղամարդ, որը հավանաբար պահակակետի հրամանատարն էր։ ― Ո՛չ Պետրոսի, ո՛չ Պողոսի, ո՛չ էլ ուրիշ առաքյալների ու սրբերի։ Կամ նրանց խմբերի։ Հրացանդ գցիր ուսիդ ու ձեռքերով ազատ գործիր։
 +
 +
― Քանի դեռ maquina֊յից կրակ չենք բացել, ― գոռաց մեկ ուրիշը։
 +
 +
― Que poco amables sois, ― ասաց Անդրեսը։ ― Շատ սիրալիր չեք։
 +
 +
Փշալարերի արանքով սկսեց առաջ շարժվել։
 +
 +
― Սիրալի՞ր, ― գոռաց մեկը։ ― Լսի՛ր, բարեկա՛մ, մենք պատերազմի մեջ ենք։
 +
 +
― Երևում է, ― ասաց Անդրեսը։
 +
 +
― Ի՞նչ է ասում։
 +
 +
Անդրեսը նորից փակաղակի շխկոց լսեց։
 +
 +
― Ոչինչ, ― գոռաց նա։ ― Բան չեմ ասում։ Չկրակեք, թողեք անցնեմ այս ինչն արած փշալարով։
 +
 +
― Չփորձես հայհոյել մեր փշալարին, ― գոռաց մեկը։ ― Թե չէ նռնակը կգա գլխիդ։
 +
 +
― Quiero decir, que buena alambrada,<ref>Ուզում եմ ասել՝ ի՜նչ գեղեցիկ փշալար է (իսպ․):</ref> ― գոռաց Անդրեսը։― Ի՜նչ գեղեցիկ փշալար է։ Ոնց որ տեր աստվածն արտաքնոցում։ Ի՜նչ սիրուն փշալար է։ Մի րոպե էլ համբերեք, արդեն հասնում եմ, եղբայրներ։
 +
 +
― Շպրտենք նռնակը, ― ասաց մեկի ձայնը։ ― Դրանից խելացի բան չկա, լսե՛ք ինձ։
 +
 +
― Եղբայրնե՛ր, ― ասաց Անդրեսը։ Նա քրտնքի մեջ կորել էր, գիտեր, որ այդ խորհուրդը տվողը կարող է ուզածդ պահին ինքը գցել նռնակը։ ― Ախր ես ո՞վ եմ, ես ոչ մի արժեք չունեմ։
 +
 +
― Հավատում եմ, ― ասաց նռնակ առաջարկողը։
 +
 +
― Իրավացի ես, ― ասաց Անդրեսը։ Նա զգուշությամբ անցնում էր փշալարերի երկրորդ գիծը և արդեն գրեթե հողաթմբի կողքին էր։ ― Ես ոչ մի արժեք չունեմ։ Բայց այս գործը շատ կարևոր է։ Muy, muy serio.<ref>Շատ, շատ կարևոր (իսպ․)։</ref>
 +
 +
― Ազատությունից ավելի կարևոր բան չկա, ― գոռաց նռնակ առաջարկողը։ ― Ի՞նչ է, կա՞ ազատությունից ավելի կարևոր բան, ― հարցրեց մարտահրավերի կոչով։
 +
 +
― Չկա, բարեկամ, ― ասաց Անդրեսը թեթևացած։ Նա հասկացավ, որ կանգնած է խելագարների դիմաց՝ սև֊կարմիր վզկապավորների։ ― Viva la Libertad!<ref>Կեցցե ազատությունը (իսպ․)։</ref>
 +
 +
― Viva la F.A. I.<ref>Իբերիայի անարխիստների ֆեդեդացիա։</ref> Viva la C. N. T, <ref>Աշխատամքի ազգային կոնֆեդերացիա։</ref> ― գոռացին հողաթմբի ետևից։ ― Viva el anarco-sindicalismo և ազատությունը։
 +
 +
― Viva nostros, ― գոռաց Անդրեսը։ ― Կեցցենք մենք։
 +
 +
― Մերոնցից է, ― ասաց նռնակ առաջարկողը։ ― Իսկ ես քիչ էր մնում սպանեի սրանով։
 +
 +
Նա նայեց ձեռքի նռնակին, հետո, խորապես զգացված՝ հողաթումբն անցնող Անդրեսին։ Թևերը բացեց, փաթաթվեց Անդրեսին, համբուրեց այտերը, նռնակը տակավին ձեռքին էր և հիմա արդեն հանգչում էր Անդրեսի ուսին։
 +
 +
― Ես շատ գոհ եմ, որ ոչ մի բան չպատահեց, եղբայր, ― ասաց նա։ ― Շատ գոհ եմ։
 +
 +
― Որտե՞ղ է սպան, ― հարցրեց Անդրեսը։
 +
 +
― Ես եմ հրամանատարը, ― ասաց մարդը։ ― Տո՛ւր տեսնեմ թղթերդ։
 +
 +
Գնաց բլինդաժ և սկսեց մոմի լույսի տակ ստուգել փաստաթղթերը։
 +
 +
Առաջինը Հանրապետության դրոշի գույնի մետաքսով պատված երկծալ մի վկայական էր, կենտրոնում՝ ՌՀԾ֊ի կնիքը։ Հետո մի Salvoconducto էր, անցագիր, որի մեջ գրված էին անունը, տարիքը, հասակի բարձրությունը, ծննդյան վայրը և տրված հանձնարարությունը։ Այս թուղթը տվել էր Ռոբերտ Ջորդանը, գրել էր իր նոթատետրից պոկված թերթիկի վրա և ՌՀԾ֊ի կնիքով հաստատել։ Սրանց հետ էր նաև Գոլցին ուղղված զեկուցագիրը, չորս թերթիկից բաղկացած, որոնք իրար հետ թելով կապված ու ՌՀԾ֊ի մետաղյա կնիքով մոմով կնքված էին։
 +
 +
― Ծանոթ եմ սրանց, ― ասաց պահակակետի հրամանատարը և վերադարձրեց մետաքսի կտորը։ ― Սա բոլորիդ մոտ էլ կա։ ― Բայց ոչ մի արժեք չունի, եթե այ, հիմա ինձ չասես։ ― Նա վերցրեց Salvoconducto֊ն և նորից սկսեց կարդալ։ ― Որտե՞ղ ես ծնվել։
 +
 +
― Վիլլակոնեխոսում, ― ասաց Անդրեսը։
 +
 +
― Ի՞նչ է աճում այնտեղ։
 +
 +
― Սեխ, ― ասաց Անդրեսը։ ― Ամեն մարդ էլ գիտի դա։
 +
 +
― Ո՞ւմ ես ճանաչում։
 +
 +
― Ինչո՞ւ։ Դո՞ւ էլ ես այնտեղից։
 +
 +
― Ոչ։ Բայց եղել եմ։ Ես Արանխուեսից եմ։
 +
 +
― Հարցրու ում մասին ուզում ես։
 +
 +
― Նկարագրիր Խոսե Ռինկոնին։
 +
 +
― Նա՞, որ գինետուն ունի։
 +
 +
― Հենց նա։
 +
 +
― Գլուխն ածիլված, փորը՝ մեծ, մի աչքն էլ խումար։
 +
 +
― Հիմա արդեն սա արժեք ունի, իսկական է, ― ասաց ու վերադարձրեց վկայականը։ ― Բայց ի՞նչ ես անում այնտեղ, նրանց կողմը։
 +
 +
― Հայրս նախքան պատերազմը ընտանիքը փոխադրեց Վիլլակաստին, ― ասաց Անդրեսը։ ― Լեռների մյուս երեսը դաշտավայր է։ Այնտեղ էինք, երբ պատերազմն սկսվեց։ Պատերազմի սկզբից Պաբլոյի խմբում եմ։ Բայց հիմա շատ եմ շտապում, բարեկամ, այս նամակը պետք է տեղ հասցնեմ։
 +
 +
― Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ, ֆաշիստների տերիտորիայում, ― հարցրեց պահակակետի հրամանատարը։ Նա չէր շտապում։
 +
 +
― Լավ քրտնեցինք այսօր։ Ամբողջ օրը փոշին բռնել էր երկինքը։ Այսօր Սորդոյի խմբին ոչնչացրին ֆաշիստները։
 +
 +
― Սորդոն ո՞վ է, ― հարցրեց մյուսը կասկածանքով։
 +
 +
― Մեր սարերի ամենալավ խմբերից մեկի առաջնորդը։
 +
 +
― Ճիշտն այն կլիներ, որ դուք բոլորդ էլ գայիք ու հանրապետական բանակում ծառայեիք, ― ասաց սպան։ ― Ո՞ւմ է պետք այդ հիմար պարտիզանությունը։ Բոլորդ էլ պետք է գաք ու սովորեք ենթարկվել զինվորական կարգապահության։ Իսկ եթե պարտիզանների կարիք լինի, ինքներս կուղարկենք։
 +
 +
Անդրեսը գերագույն համբերությամբ օժտված մարդ էր։ Նա հանգիստ անցել էր փշալարերը։ Այս ստուգումները նույնպես չէին վրդովեցրել նրան։ Նա գտնում էր, որ շատ բնական է, եթե այս մարդը չի հասկանում, թե իրենք ինչ են անում ու հիմար֊հիմար դուրս է տալիս։ Անսպասելի ոչինչ չկար նաև այս դանդաղկոտության մեջ, բայց հիմա նա շտապում էր, պետք է տեղ հասներ։
 +
 +
― Լսիր, compadre, ― ասաց նա։ ― Երևի դու իրավացի ես։ Ես այս նամակը պետք է հասցնեմ 35֊րդ դիվիզիայի հրամանատարին, լուսաբացին գեներալն այս սարերում հարձակում է սկսելու, արդեն ուշ գիշեր է, ես պետք է գնամ։
 +
 +
― Ի՞նչ հարձակում։ Դու որտեղի՞ց գիտես հարձակման մասին։
 +
 +
― Ես ոչ մի բան չգիտեմ։ Ես հիմա պետք է Նավասեռադա գնամ։ Տար ինձ ձեր հրամանատարի մոտ, որպեսզի փոխադրական տա։ Մեկնումեկին ուղարկիր հետս, միայն թե շուտ, չի կարելի ուշացնել։
 +
 +
― Այս ամենը ինձ ինչ֊որ կասկածելի է թվում, ― ասաց նա։ ― Ավելի լավ էր քեզ խփեինք փշալարերի մոտ։
 +
 +
― Բայց չէ՞ որ թղթերս տեսար, ընկե՛ր, ես քեզ բացատրեցի, չէ՞, ինչ հանձնարարությամբ եմ գնում, ― համբերատարությամբ ասաց Անդրեսը։
 +
 +
― Թղթերը կարելի է սարքել, ― ասաց սպան։ ― Այդպիսի հանձնարարություն ուզածդ ֆաշիստն էլ կարող է հնարել։ Ես կտանեմ քեզ հրամանատարի մոտ։
 +
 +
― Լավ, ― ասաց Անդրեսը։ ― Դու տար։ Բայց արագ գնանք։
 +
 +
 +
― Լսի՛ր, Սանչես։ Կմնաս իմ փոխարեն, ― ասաց սպան։ ― Դու գիտես ինչը ոնց անես։ Ես այս այսպես կոչված ընկերոջը տանում եմ հրամանատարի մոտ։
 +
 +
Բարձունքից դենն ընկած խրամատով նրանք առաջ շարժվեցին մթության մեջ, մացառների միջից Անդրեսի քթին խփեց բարձունքի պաշտպանների աջ ու ձախ սփռված կեղտի հոտը։ Այդ մարդիկ նրան դուր չէին եկել, վտանգավոր երեխաների էին նման՝ կեղտոտ, անկարգ, ազնիվ, անուշ, հիմար և տգետ, ու միշտ վտանգավոր, որովհետև զինված են։ Ինքը՝ Անդրեսը, քաղաքականության հետ գործ չուներ, նա Հանրապետության կողմն էր, այդքան։ Շատ էր լսել նրանց, և շատ հաճախ էին այդ խոսքերը նրան գեղեցիկ թվացել, բայց այդ մարդիկ նրան դուր չէին եկել։ Ի՞նչ ազատության մասին է խոսքը, երբ մարդն ինքն իր կեղտը չի ծածկում։ Կատվից էլ ազատ կենդանի՞։ Միշտ էլ կեղտը ծածկում է։ Ամենամեծ անարխիստը կատուն է։ Մինչև կատվից այդ բանը չսովորեն, ես դրանց չեմ կարող հարգել։
 +
 +
Առջևից գնացող սպան հանկարծ կանգ առավ։
 +
 +
― Կարաբինդ դեռ մո՞տդ է, ― ասաց նա։
 +
 +
― Այո, ― ասաց Անդրեսը։ ― Ի՞նչ է եղել։
 +
 +
― Ինձ տուր, ― ասաց սպան։ ― Կարող է խփես ինձ թիկունքից։
 +
 +
― Ինչո՞ւ, ― հարցրեց Անդրեսը։ ― Ինչո՞ւ խփեմ թիկունքից։
 +
 +
― Ո՞վ իմանա, ― ասաց սպան։ ― Ես ոչ մեկին չեմ վստահում։ Տո՛ւր կարաբինը։
 +
 +
Անդրեսը ուսից հանեց հրացանն ու տվեց։
 +
 +
― Եթե ուզում ես շալակել, ― ասաց նա։
 +
 +
― Այսպես ավելի լավ է, ― ասաց սպան։ ― Այսպես ավելի ապահով է։
 +
 +
Մթության մեջ սարալանջով գնացին ցած։
 +
 +
 +
==Գլուխ երեսունյոթերորդ==
 +
 +
Հիմա Ռոբերտ Ջորդանը պառկել էր աղջկա հետ ու նայում էր թևի ժամացույցի պտտվող սլաքին։ Ժամանակը դանդաղ էր առաջ գնում, համարյա աննկատ, որովհետև ժամացույցը շատ փոքր էր ու վայրկյանացույց սլաքը չէր երևում։ Սակայն, երբ ուշադիր հետևեց րոպեացույց սլաքին, տեսավ, որ կենտրոնանալու դեպքում կարելի է նկատել շարժումը։ Աղջկա գլուխն իր ծնոտի տակն էր, երբ շրջվեց, որպեսզի ժամացույցին նայի, այտերի վրա զգաց շոյանքը նրա կարճ մազերի, որոնք այնպես փափուկ էին, կենդանի, մետաքսյա, ինչպես կզաքիսի մուշտակը, որը ցից֊ցից էր լինում, երբ թակարդից գազանիկին հանում են և մի ձեռքով ամուր բռնած՝ մյուսով սկսում ես փաղաքշել։ Երբ Մարիայի մազերը քսվեցին այտերին, կոկորդը սեղմվեց, իսկ երբ թևերով փաթաթվեց ու ամուր գրկեց աղջկան, զգաց տանջող մի ցավ, որը տարածվեց ամբողջ մարմնով մեկ։ Գլուխն իջեցրեց և աչքերը հառեց ժամացույցի թվահարթակի ձախ կողմում դանդաղ շարժվող ֆոսֆորափայլ սլաքին։ Նա հիմա տեսնում էր սլաքի շարժումը և ավելի ամուր էր գրկել աղջկան, ասես դանդաղեցնելու համար այդ շարժումը։ Չէր ուզում արթնացնել նրան, բայց և չէր կարող ձեռք տալ հիմա, վերջին անգամ, և շրթունքները հպեց աղջկա ծոծրակին, ականջին՝ ըմբոշխնելով մաշկի ողորկության և մազերի փափկության զգացողությունը։ Նայեց թվահարթակի վրա շարժվող սլաքին և ավելի ամուր գրկեց Մարիային ու լեզվի ծայրը այտի վրայով տարավ դեպի ականջի բլթակը, հետո ավելի վեր՝ ականջախեցու հրաշալի գալարներով մինչև վերին կարծր ու անուշ եզրակը։ Լեզուն դողում էր։ Նա զգաց, որ այդ դողը ցավագնորեն տարածվում է իր ամբողջ էության մեջ, տեսավ, որ րոպեացույց սլաքը վերին կետին է մոտենում։ Շրջեց դեռևս քնած աղջկա գլուխը և շրթունքները հպեց նրա շրթունքներին։ Չէր համբուրում, թեթևակի հպել էր շուրթերը նրա փակ շուրթերին և զգում էր նրանց նուրբ շոյանքը։ Ամբողջ մարմնով շրջվեց աղջկա կողմը, և զգաց նրա երկար, թեթև, նուրբ մարմնի դողը, և աղջիկը քնի մեջ հառաչեց, հետո, դեռևս քնի մեջ, փաթաթվեց իրեն, հետո, արդեն արթուն, շրթունքներով սեղմվեց իր շուրթերին։
 +
 +
― Բայց չէ՞ որ ցավում է, ― ասաց նա։
 +
 +
― Չէ՛, չի ցավում, ― ասաց աղջիկը։
 +
 +
― Նապաստա՛կ։
 +
 +
― Չէ՛, էլ մի խոսիր։
 +
 +
― Նապաստա՛կս։
 +
 +
― Մի՛ խոսիր։ Մի՛։
 +
 +
Հետո նրանք եղան իրար հետ, ու թեև ժամացույցի սլաքը շարունակեց իր շարժումը, արդեն աննկատ, նրանք գիտեին, որ ինչ պատահի իրենցից մեկին, չի կարող չպատահել և մյուսին, որ սրանից ավելին չի լինի, որ սա է ամենը և սա է ընդմիշտ, որ սա այն է, ինչ եղել է և պետք է նորից լիներ ու այժմ լինում է։ Սա է, որից զրկվում էին, և հիմա վերստին իրենցն է։ Իրենցն է հիմա, եղել է առաջ, լինելու է միշտ, և այս պահին, և այս պահին, և այս պահին։ Ոհ, այս պահը, այս, միակ պահը, ամեն ինչից վեր պահը, և չկա այլ պահ քեզանից բացի, և այս պահը քո մարգարեն է։ Այժմ և միշտ։ Այո, այս պահը։ Միայն այս պահը, ոչ մի ուրիշ բան այս պահից բացի, և խնդրում եմ, մի՛ հարցրու, թե որտեղ ես դու, և որտեղ եմ ես, և որտեղ է մյուսը, կա միայն այս պահը այժմ և միշտ, և միշտ, և միշտ և միշտ, միայն և միշտ այս պահը, և ոչինչ սրանից բացի, այս պահից, այս բարձրացող, այս լողացող, այս հեռացող, այս պտտվող, այս հեռու ճախրող, միշտ հեռու, միշտ ու ավելի հեռու, և միշտ միասին, միասին, միասին, միասին, տակավին միասին, տակավին միասին, միասին ներքև, միասին քնքշաբար, միասին տենչավառ, միասին բարի, միասին երջանիկ, միասին բարօրության մեջ, միասին երազանքների մեջ, միասին երկրի վրա, արմունկների տակ սոճու կտրատված և խեժ ու գիշեր բուրող ճյուղեր, և պահն հիմա վերջնականապես իջել է երկիր, և արդեն բացվում է նոր օրվա առավոտը։ Այս մտքերն էին պտտվում ուղեղում, բայց նա բարձրաձայն միայն սա ասաց․
 +
 +
― Ո՛հ, Մարիա՛, սիրում եմ քեզ, շնորհակալ եմ։
 +
 +
― Մի՛ խոսիր։ Ավելի լավ է լռենք, ― ասաց Մարիան։
 +
 +
― Ո՛չ, պիտի խոսեմ, որովհետև սա շատ մեծ բան է։
 +
 +
― Ո՛չ։
 +
 +
― Նապաստակ․․․
 +
 +
Բայց աղջիկը սեղմվեց նրան ու շրջեց գլուխը, և Ռոբերտ Ջորդանը ցածրաձայն հարցրեց․
 +
 +
― Ցավո՞ւմ է, նապաստակ։
 +
 +
― Ոչ, ― ասաց նա։ ― Ես էլ եմ շնորհակալ, որ մի անգամ ևս La gloria<ref>Այստեղ՝ գերագույն երանություն (իսպ․)։</ref>֊յի մեջ եղա։
 +
 +
Հետո հանգիստ պառկեցին, կողք֊կողքի, ամբողջ մարմնով՝ ոտքերով, ազդրերով, կողերով, ուսերով, ամուր իրար սեղմված, Ռոբերտ Ջորդանը հիմա նորից նայեց ժամացույցին, և Մարիան ասաց․
 +
 +
― Մենք շատ բախտավոր ենք։
 +
 +
― Այո՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― շատ բախտավոր մարդիկ ենք։
 +
 +
― Արդեն ո՞ւշ է, պետք է վե՞ր կենանք։
 +
 +
― Այո՛, ― ասաց նա։ ― Շուտով պետք է շարժվենք։
 +
 +
― Դե՛, եթե վեր ենք կենալու, գնանք մի բան ուտենք։
 +
 +
― Լավ։
 +
 +
― Մի բան հարցնեմ։ Չե՞ս անհանգստանում։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Ճի՞շտ ես ասում։
 +
 +
― Այո։ Հիմա արդեն չեմ անհանգստանում։
 +
 +
― Բայց երեկոյան անհանգստացած էիր։
 +
 +
― Եղավ այդպիսի մի պահ։
 +
 +
― Կարո՞ղ եմ քեզ օգնել։
 +
 +
― Ոչ, ― ասաց նա։ ― Դու արդեն օգնեցիր։
 +
 +
― Ա՞յն։ Դա ինձ համար էր։
 +
 +
― Դա երկուսիս համար էր, ― ասաց նա։ ― Այդ բանում մենակ չեն լինում։ Դե՛, նապաստակ, հագնվենք։
 +
 +
Բայց միտքը՝ իր լավագույն ընկերը, վերադարձել էր La Gloria֊յին։ La Gloria, ասաց աղջիկը։ Սա ոչ glori֊ն<ref>Փառք (անգլ․)։</ref> է, ոչ La Gloire֊ը,<ref>Փառք (ֆր․):</ref> որի մասին այդքան գրում ու խոսում են ֆրանսիացիք։ Սա այն է, ինչ կարող ես զգալ Cante Hondo֊ում ու Saeta<ref>Անգլիական ժողովրդական երգեր։</ref>֊ներում։ Անշուշտ նաև Գրեկոյի ու Սան֊Խուան դե լա Կրուսի մոտ, ինչպես և ուրիշների։ Ես միստիկ չեմ, բայց այդ բանը ժխտելը նույնպիսի տգիտություն է, ինչպես, ասենք, հեռախոսի գոյության ժխտումը, կամ այն, որ երկիրը պտտվում է արևի շուրջը, որ սրանից բացի ևս մոլորակներ կան։
 +
 +
Ինչքա՜ն քիչ բան գիտենք մենք։ Պիտի ուզեի դեռ երկար ապրել, և ոչ թե մեռնել այսօր, որովհետև այս չորս օրում ես կյանքի մասին շատ բան իմացա, կարծում եմ շատ ավելի, քան իմ անցած ամբողջ կյանքի ընթացքում։ Պիտի ուզեի մինչև խոր ծերություն ապրել և իսկապես ճանաչել կյանքը։ Տեսնես կարելի՞ է արդյոք սովորել ու սովորել, թե՞ կա մի սահման, որից այն կողմ մարդը չի կարող հասկանալ։ Ես կարծում էի շատ բան գիտեմ, բայց հիմա տեսնում եմ, որ բոլորովին էլ չգիտեմ։ Ա՜խ, եթե ժամանակ լիներ։
 +
 +
― Դու ինձ շատ բան սովորեցրիր, guapa, ― ասաց նա անգլերեն։
 +
 +
― Ի՞նչ ասացիր։
 +
 +
― Ես քեզանից շատ բան սովորեցի։
 +
 +
― Que va, ― ասաց աղջիկը, ― դու ես կրթություն ունեցողը։
 +
 +
Կրթություն, մտածեց նա։ Ի՞նչ կրթություն է իմ ունեցածը, ընդամենը տարրական գիտելիքներ։ Տարրական։ Ափսոս է, եթե այսօր մեռնեմ, որովհետև հիմա ինչ֊որ բան արդեն գիտեմ։ Եվ ինչ֊որ բան հիմա միայն սովորած լինելուդ պատճառն արդյո՞ք այն չէ, որ ժամանակի կարճության պատճառով գերզգայուն ես դարձել։ Ժամանակի կարճությունը ո՞րն է։ Նման բան գոյություն չունի։ Դու դա պետք է իմացած լինեիր։ Ամբողջ կյանքս ես այստեղ եմ այն օրվանից, երբ եկա այս սարերը։ Անսելմոն իմ ամենահին ընկերն է։ Ես նրան ավելի լավ եմ ճանաչում, քան Չարզին, քան Չաբին, քան Գիյին, քան Մայքին, իսկ նրանց ես ճանաչում եմ և լավ եմ ճանաչում։ Ագուստինը եղբայրս է, թեկուզ և կեղտոտ է բերանը, իսկ ես եղբայր չեմ ունեցել։ Մարիան իմ ճշմարիտ սերն է ու իմ կինը։ Ես երբեք ճշմարիտ սեր չեմ ունեցել։ Չեմ ունեցել և կին։ Նաև քույրս է, իսկ ես քույր չեմ ունեցել, դուստրս է, իսկ դուստր երբեք չեմ ունենա։ Ատելությամբ եմ լցվում, որ այսքան լավ բաներ թողնելու եմ ու հեռանալաու։
 +
 +
Պարանե ներբանով կոշիկները կապեց֊վերջացրեց։
 +
 +
― Կարծում եմ, որ կյանքը շատ հետաքրքրական է, ― ասաց Մարիային։ Աղջիկը սրունքներն առել էր ձեռքերի մեջ ու նստել էր կողքին, ննջապարկի վրա։ Ինչ֊որ մեկը քաշեց քարայրի մուտքի ծածկոցը, և լույս երևաց։ Գիշեր էր տակավին, և լուսաբացի նշույլ իսկ չկար, եթե հաշվի չառնենք այն, որ սոճիների կատարների միջից երկնքին նայելիս նա տեսավ, որ աստղերը ցածրացել են։ Լուսաբացն այս ամսին միանգամից է վրա հասնում։
 +
 +
― Ռոբերտո, ― ասաց Մարիան։
 +
 +
― Այո՛։
 +
 +
― Այսօրվա գործին միասին կլինենք, չէ՞։
 +
 +
― Վերջոռմ՝ այո։
 +
 +
― Ո՛չ, հենց սկզբից։
 +
 +
― Սկզբում ձիերին կպահես։
 +
 +
― Չե՞մ կարող քեզ հետ լինել։
 +
 +
― Ո՛չ։ Իմ գործը մենակ պիտի արվի, թե չէ ես ստիպված կլինեմ քո մասին հոգալու։
 +
 +
― Բայց հենց որ վերջացնես, անմիջապես կվերադառնա՞ս։
 +
 +
― Անմիջապես, ― ասաց ու քմծիծաղեց մթության մեջ։ ― Գնացինք, guapa, գնանք մի բան ուտենք։
 +
 +
― Իսկ ննջապա՞րկդ։
 +
 +
― Հավաքիր, եթե հաճելի է։
 +
 +
― Հաճելի է, ― ասաց նա։
 +
 +
― Օգնե՞մ։
 +
 +
― Ոչ։ Թող ինքս անեմ։
 +
 +
Աղջիկը չոքեց, որպեսզի հարթի ու հավաքի ննջապարկը, հետո միտքը փոխեց, կանգնեց և մի ծայրից բռնեց ու թափ տվեց։ Հետո նորից չոքեց, որպեսզի հարթի ու հավաքի։ Ռոբերտ Ջորդանը զգուշությամբ վերցրեց ուսապարկերը, այնպես, որ պատռվածքներից ոչ մի բան չընկնի և սոճիների արանքներով գնաց դեպի քարայրի ծխապատ տապճակով ծածկված մուտքը։ Ժամը երեքից տասը րոպե էր պակաս, երբ արմունկով մի կողմ արեց տապճակը և մտավ քարայր։
 +
 +
 +
==Գլուխ երեսունութերորդ==
 +
 +
Քարայրում էին, տղամարդիկ կանգնած էին օջախի մոտ, Մարիան կրակն էր բորբոքում։ Պիլարն արդեն պատրաստել էր սուրճը։ Ռոբերտ Ջորդանին արթնացնելուց հետո այլևս անկողին չէր մտել, հիմա էլ, նստած աթոռին, ուսապարկերի պատռվածքներն էր կարկատում։ Մեկն արդեն կարել էր։ Կրակի լույսն ընկել էր դեմքին։
 +
 +
― Էլի միս վերցրու, ― ասաց նա Ֆերնանդոյին։ ― Լավ լցրու փորդ, արդեն միևնույն է։ Բժիշկ չկա, որ վիրահատի, եթե պոզահարվես։
 +
 +
― Ի՞նչ ես դուրս տալիս, կի՛ն, ― ասաց Ագուստինը։ ― Այդ ինչ պոռնիկի լեզու է քո լեզուն։
 +
 +
Նա հենվել էր սրունքների արանքն առած ձեռքի գնդացրին, ― գրպանները լիքը նռնակներ էր, մի ուսից կախված էր սկավառակներով լցված պարկը, մյուսից՝ փամփուշտով լի մի պայուսակ։ Մի ձեռքին սուրճի թասն էր, մյուսին՝ սիգարետը, ծուխը փչում էր սուրճի վրա ու խմում։
 +
 +
― Ոնց որ երկաթեղենի խանութ լինես, ― ասաց նրան Պիլարը։ ― Հարյուր յարդ էլ չես գնա քո այդ բեռով։
 +
 +
― Que va, կի՛ն, ― ասաց Ագուստինը։ ― Ներքև ենք, չէ՞, գնալու։
 +
 +
― Բայց նախ պիտի բարձրանանք վերևի պահակակետը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Հետո ենք ներքև գնալու։
 +
 +
― Կբարձրանամ այծի պես, ― ասաց Ագուստինը։ ― Իսկ եղբայրդ ո՞ւր է, ― հարցրեց Էլադիոյին։ ― Ծլկել է, հա՞, հռչակավոր եղբայրդ։
 +
 +
Էլադիոն կանգնած էր պատի տակ։
 +
 +
― Ձենդ կտրի՛ր, ― ասաց նա։
 +
 +
Նա ջղագրգիռ վիճակում էր, և նրան թվում էր, որ բոլորն էլ զգում են այդ։ Մարտից առաջ նա միշտ այդպես էր լինում՝ ջղային, բարկացկոտ։ Նա հեռացավ պատից, եկավ կանգնեց սեղանի կողքին դրված կաշեպատ կողովի մոտ և սկսեց դրա միջից գրպանները նռնակ լցնել։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը պպզեց նրա կողքին, զամբյուղի մոտ ու չորս նռնակ վերցրեց։ Երեքը միլս էին՝ ձվաձև, խորդուբորդ կողերով, չուգունից, ձգանն ակոսիկի մեջ սեպիկով ամրացված։
 +
 +
― Որտեղի՞ց սրանք, ― հարցրեց Էլադիոյին։
 +
 +
― Դրա՞նք։ Դրանք Հանրապետությունից են։ Ծերուկն է բերել։
 +
 +
― Ո՞նց են։
 +
 +
― Valen mas que pesan,<ref>Իրենց քաշից ավելի արժեն (իսպ․)։</ref> ― ասաց Էլադիյոն։ ― Գանձ են։
 +
 +
― Ես եմ բերել, ― ասաց Անսելմոն։ ― Ամեն պարկի մեջ վաթսուն հատ էր։ Իննսուն ֆունտ, Ingles:
 +
 +
― Օգտագործե՞լ եք, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը Պիլարին։
 +
 +
― Que va, օգտագործել ենք, բա ո՞նց, ― ասաց կինը։ ― Դրանցով էր, որ Պաբլոն Օտերոյի պահակակետը ոչնչացրեց։
 +
 +
Պաբլոյի անունը որ տվեց, Ագուստինն սկսեց հայհոյել։ Կրակի լույսի տակ Ռոբերտ Ջորդանը տեսավ Պիլարի դեմքի արտահայտությունը։
 +
 +
― Վերջացրո՛ւ, ― ասաց նա։ ― Այդ խոսքերից օգուտ չկա։ Անխափան պայթե՞լ են միշտ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ գորշավուն նռնակը պահած ձեռքին ու բթամատի եղունգով սեպիկի հետ խաղալով։
 +
 +
― Միշտ, ― ասաց Էլադիոն։ ― Ինչքան գործածել ենք, չի եղել դեպք, որ չպայթի։
 +
 +
― Իսկ արա՞գ է պայթում։
 +
 +
― Ընկնելն ու պայթելը մեկ է լինում։ Արագ, բավական արագ։
 +
 +
― Իսկ սրա՞նք։ ― Նա վերցրել էր պահածոյի տուփ հիշեցնող մի նռնակ, որ մետաղալարով էր փաթաթված։
 +
 +
― Աղբ են, ― ասաց Էլադիոն։ ― Պայթում են, ճիշտ է։ Բայց ի՞նչ, ուժեղ լույս և ոչ մի բեկոր։
 +
 +
― Բայց միշտ պայթո՞ւմ են։
 +
 +
― Que va, միշտ, ― ասաց Պիլարը։ ― Ոչ մեր նռնակներն են միշտ պայթում, ոչ էլ նրանց։
 +
 +
― Բայց դուք ասացիք, որ մյուսները միշտ պայթել են։
 +
 +
― Ես չասացի, ― ասաց Պիլարը։ ― Դու նրան հարցրեցիր, ոչ թե ինձ։ Ես չեմ տեսել, որ դրանք միշտ պայթում են։
 +
 +
― Բոլորն էլ պայթել են, ― պնդեց Էլադիոն։ ― Ինչո՞ւ ճիշտը չես ասում, կի՛ն։
 +
 +
― Որտեղի՞ց գիտես, որ պայթում են, ― հարցրեց Պիլարը։ ― Պաբլոն է դրանք գցել։ Չէ՞ որ Օտերոյում դու ոչ մի հոգու չես սպանել։
 +
 +
― Այդ պոռնկի ծնունդը, ― սկսեց Ագուստինը։
 +
 +
― Հանգիստ թող, ― կարճ կտրեց նրան Պիլարը։ Հետո շարունակեց․ ― Բոլորն էլ նույնն են, Ingles: Բայց այդ խորդուբորդ կողերովն ավելի հարմար է։
 +
 +
Երևի զույգ֊զույգ գցեմ, ճիշտը դա կլինի, յուրաքանչյուրից մեկ հատ։ Բայց խորդուբորդ կողերովն ավելի հեշտ է շպրտել, և, երևի, ավելի հուսալի է։
 +
 +
― Ի՞նչ է, նռնա՞կ ես գցելու, Ingles, ― հարցրեց Ագուստինը։
 +
 +
― Գուցե, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Բայց, չոքած, այդտեղ, նռնակներ ջոկջոկելով, նա մտածում էր, որ դա անհնար է։ Չեմ հասկանում, թե ո՞նց ինքս ինձ մոլորության մեջ գցեցի։ Մենք այն ժամանակ էինք արդեն կործանված, երբ նրանք հարձակվեցին Սորդոյի վրա, ինչպես որ Սորդոն էլ կործանված էր, երբ ձյունը դադարեց։ Բայց տես որ ընդունել դա դու չես կարող։ Դու քո գործը պիտի անես, պիտի պլան կազմես, իմանալով հանդերձ, որ անհնար է այն իրագործել։ Կազմել ես, և հիմա գիտես, որ բանի պետք չէ։ Հիմա, որ լույսը բացվել է, արդեն բանի պետք չէ։ Այս եղած մարդկանցով երկու պահակակետերից որն էլ ասես դու հաջողությամբ կարող ես գրավել։ Բայց երկուսը միաժամանակ չես կարող։ Համենայն դեպս, վստահ չես կարող ասել։ Մի փորձիր ինքդ քեզ խաբել։ Լույսով այդ գործը հնարավոր չէ։
 +
 +
Փորձել երկուսն էլ գրավել անիմաստ է։ Պաբլոն այդ բանը հենց սկզբից էլ գիտեր։ Ինձ թվում է, որ նրա մտքում միշտ էլ եղել է ծլկելը, իսկ երբ Սորդոյին խփեցին, նա արդեն համոզվեց, որ մեր ճաշը եփված է։ Չի կարելի հրաշքների վրա հույս դնելով գործ ձեռնարկել։ Դու սրանց բոլորին կզոհես ու կամուրջն էլ չես կարողանա պայթեցնել, եթե այսքանդ լինեք։ Դու կզոհես Պիլարին, Անսելմոյին, Ագուստինին, Պրիմիտիվոյին, այս երկչոտ Էլադիոյին, անպիտան գնչուին, ծերուկ Ֆերնանդոյին և կամուրջն էլ չես պայթեցնի։ Քեզ թվում է, թե հրա՞շք տեղի կունենա, թե Գոլցը Անդրեսից կստանա քո զեկուցագիրն ու հարձակումը կհետաձգի՞։ Եթե տեղի չունեցավ, ուրեմն այդ հրամանի պատճառով կործանելու ես այս մարդկանց։ Նաև Մարիային։ Նրան էլ ես կործանելու այդ հրամանի պատճառով։ Չե՞ս կարող գոնե նրան փրկել։ Դժոխքի ծոցը գնաս դու, Պաբլո՛։
 +
 +
Չէ՛։ Մի՛ զայրանա։ Զայրույթը նույնքան վատ է, ինչքան վախը։ Աղջկա ծոցը մտնելու փոխարեն, դու պիտի ելնեիր, վերցնեիր այդ կնոջը և գիշերով սարերն ընկած մարդ ճարեիր, որպեսզի կարողանայիր գործը գլուխ բերել։ Այո, մտածեց նա։ Իսկ եթե մի բան պատահեր ինձ, ո՞վ էր պայթեցնելու։ Այո։ Դա էլ կա։ Դրա համար տեղիցդ չշարժվեցիր։ Ուրիշին էլ չէիր կարող ուղարկել, որովհետև, եթե մի բան պատահեր, մի հոգի ևս կպակասեր։ Պիտի գոնե եղածները պահեիր, որ թեկուզ այդքանով ծրագիրդ կարողանայիր իրագործել։ Բայց քո ծրագրից վատ հոտ է փչում։ Վատ հոտ է փչում, քեզ բան եմ ասում։ Այդ ծրագիրը գիշերն ես կազմել, իսկ հիմա առավոտ է։ Գիշերով կազմած ծրագիրը առավոտյան բանի պետք չի գալիս։ Գիշերվա խորհուրդը առավոտյան պիտանի չէ։ Ահա, հիմա էլ, տեսնում ես, պիտանի չէ։
 +
 +
Իսկ Ջոն Մոսբին կարողացե՞լ է այդպիսի անհնարին վիճակներից դուրս գալ։ Անշուշտ կարողացել է։ Ավելի դժվարին վիճակներից էլ։ Եվ հիշիր՝ պետք չէ թերագնահատել հանկարծակիության տարրը։ Դու դա հիշի՛ր։ Հիշի՛ր, դա անմտություն չէ, եթե կարողանաս ամեն ինչ անսխալ անել, ոնց որ պետք է։ Բայց քեզնից այլ բան է պահանջվում։ Դու պետք է ոչ թե անես այն, ինչ հնարավոր է, այլ ինչ պահանջվում է, և անպայման։ Բայց ոնց ամեն ինչ շուռ եկավ։ Ասենք հենց սկզբից էլ ամեն ինչ սխալ էր, այսպիսի բաները ձյունահոսերի են նման՝ ինչքան գլորվում են, այնքան ընդգծվում է կործանարարությունը։
 +
 +
Չոքած տեղից նայեց Մարիային, աղջիկը ժպտաց։ Ինքն էլ ժպտաց, չորս նռնակ էլ ջոկեց ու դրեց գրպանները։ Դետոնատորները կարելի է հանել և միայն նռնակներ օգտագործել, մտածեց նա։ Կարծում եմ, արդյունքը լավ կլինի։ Պայթյունի ուժը կավելանա, եթե սրանք էլ ավելանան եղած պայթուցիկին։ Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Համոզված եմ։ Վստահիր ուժերիդ, գոնե մի քիչ, ― ասաց ինքն իրեն։ ― Դու էիր, չէ՞, երեկ գիշեր պապիդ հետ միասին առյուծ կտրել, հորդ էլ վախկոտ դարձրել։ Դե՛, վստահիր ուժերիդ։
 +
 +
Նորից ժպտաց Մարիային, բայց դա դեռևս ժպիտ չէր, ընդամենը այտերի ու բերանի կողքերի մաշկն էր ձգվել։
 +
 +
Նա կարծում է, որ դու հրաշք ես, մտածեց նա։ Իսկ ես կարծում եմ, որ դու կղանք ես։ Քո այդ gloria֊ն էլ, քո բոլոր անհեթեթություններն  էլ։ Հրաշալի մտքեր ունեիր գլխումդ, չէ՞։ Աշխարհի բոլոր հարցերը վճռում էիր, չէ՞։ Գրողի ծոցը այդ ամենը։
 +
 +
Լավ, հանգստացի՛ր, ասաց ինքն իրեն։ Մի՛ կատաղիր։ Ասենք դա էլ է վիճակից դուրս գալու ուղի։ Այդպիսի ուղիներ միշտ էլ կլինեն։ Կարող ես նստել հիմա ու եղունգներդ կրծել։ Կարիք չկա ժխտելու այն ամենը, ինչ եղել է, լոկ այն պատճառով, որ հիմա կորցնում ես դրանք։ Ինքդ քեզ մի խնայիր, ոնց որ ողնաշարը ջարդված օձ․ քո ողնաշարը դեռ չեն ջարդել, շո՛ւն։ Թող խփեն՝ նոր լաց եղիր։ Կռիվը թող սկսվի, նոր կատաղիր։ Կռվի ընթացքում շատ առիթներ կլինեն կատաղելու։ Այն ժամանակ օգտվիր դրանից։
 +
 +
Պիլարը ուսապարկը ձեռքին մոտեցավ նրան։
 +
 +
― Ուզածիդ պես ամուր է հիմա, ― ասաց նա։ ― Դրանք շատ լավ նռնակներ են, Ingles: Կարող ես վստահ լինել։
 +
 +
― Ո՞նց ես, կին։
 +
 +
Պիլարը նայեց նրան, գլուխը թափ տվեց ու ժպտաց։ Տեսնես, մտածեց, շինծու ժպիտ է, թե իսկական։ Երևում է իսկական է։
 +
 +
― Լավ, ― ասաց կինը։ ― Dentro de la gravedad: ― Հետո պպզեց Ռոբերտ Ջորդանի կողքին ու հարցրեց․ ― Հիմա որ սկսվել է արդեն, դու ի՞նչ ես կարծում։
 +
 +
― Քչվոր ենք, ― արագ պատասխանեց նա։
 +
 +
― Ես էլ եմ այդպես կարծում, ― ասաց կինը։ ― Շատ քիչ ենք։ ― Հետո, նորից միայն նրան, ասաց․ ― Մարիան մենակ էլ կարող է ձիերը պահել։ Իմ կարիքը չկա այդտեղ։ Ոտնակապերը կգցենք ու կթողնենք։ Հեծելազորի ձիեր են, կրակոցներից չեն խրտնի։ Ես կգնամ ներքևի պահակակետը, և ինչ֊որ Պաբլոն էր անելու, ես կանեմ։ Այսպիսով մի հոգով կավելանանք։
 +
 +
― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես մտածում էի, որ դու այդ առաջարկությունը կանես։
 +
 +
― Հա, Ingles, ― ասաց Պիլարը շեշտակի նայելով նրան։ ― Մի՛ անհանգստանա։ Ամեն ինչ լավ կլինի։ Հիշիր, որ նրանք այսպիսի բան չեն սպասում։
 +
 +
― Ճիշտ ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Մի բան էլ, Ingles, ― ցածրաձայն ասաց Պիլարը, այնքան ցածրաձայն, որքան կարող էր լինել նրա խռպոտ ձայնը։ ― Ձեռքիդ ափի մասին, որ․․․
 +
 +
― Ի՞նչ ձեռքի ափ, ― ասաց նա զայրացած։
 +
 +
― Չէ, լսի՛ր։ Մի՛ զայրանա, մանչուկս։ Ափիդ մասին է խոսքս։ Այդ ամենը գնչուական անմտություն էր, ուզում էի աչքիդ բարձրանալ։ Ոչ մի բան էլ չկար։
 +
 +
― Լավ, հանգիստ թող, ― ասաց նա անհույզ։
 +
 +
― Ոչ, ― ասաց կինը խռպոտ ու մեղմ ձայնով։ ― Անմիտ սուտ էր, որ հորինեցի։ Չեմ ուզում, որ այսօր, կռվի օրով, դու անհանգստանաս։
 +
 +
― Ես անհանգստացած չեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Ոչ, ingles, ― ասաց նա։ ― Դու շատ ես անհանգստացած, և անհանգստացած ես արդար դատի համար։ Բայց ամեն ինչ լավ կլինի, Ingles: Մենք սրա համար ենք աշխարհ եկել։
 +
 +
― Ես քաղաքական կոմիսարի կարիք չունեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Կինը նորից ժպտաց նրան, հաճելի ու անկեղծ մի ժպիտով, կոշտ ու պռոշտ շրթունքները լայն բաց արած, և ասաց․
 +
 +
― Ես քեզ շատ եմ սիրում, Ingles:
 +
 +
― Հիմա ինձ դա պետք չէ, ― ասաց նա։ ― Ni tu, ni dios:<ref>Ոչ դու, ոչ աստված (իսպ․):</ref>
 +
 +
― Այո, ― ասաց Պիլարը խուլ շշնջոցով։ ― Գիտեմ։ Պարզապես ուզեցի ասել։ Դու մի՛ անհանգստանա։ Ամեն ինչ լավ կլինի։
 +
 +
― Ինչո՞ւ չպիտի լինի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և երեսի մաշկը թեթև կծկվեց ժպիտից։ ― Անպայման լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։
 +
 +
― Ե՞րբ ենք շարժվում, ― հարցրեց Պիլարը։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց ժամացույցին։
 +
 +
― Թեկուզև հիմա, ― ասաց նա։
 +
 +
Ուսապարկերից մեկը երկարեց Անսելմոյին։
 +
 +
― Ո՞նց ես, ծերո՛ւկ, ― հարցրեց։
 +
 +
Ծերունին վերջին սեպն էր տաշում, դա Ռոբերտ Ջորդանի հանձնարարությունն էր։ Պետք էր մի քանի սեպ էլ ավել ունենալ։
 +
 +
― Լավ եմ, ― ասաց ծերունին ու գլխով արեց։ ― Առայժմ լավ եմ։ ― Ձեռքերը առաջ պարզեց։ ― Նայի՛ր, ― ասաց ու ժպտաց։ Ձեռքերը չէին դողում։
 +
 +
― Bueno, y que?<ref>Լավ․ հետո ի՞նչ (իսպ․):</ref> ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ամբողջ ձեռքս ես էլ կարող եմ պահել, ու չի դողա։ Ցցիր միայն մի մատդ։
 +
 +
Անսելմոն ցցեց մի մատը։ Մատը դողում էր։ Նա նայեց Ռոբերտ Ջորդանին ու գլուխը թափ տվեց։
 +
 +
― Իմն էլ, ահա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մատը ցցեց։ ― Միշտ էլ դողացել է։ Բնական բան է։
 +
 +
― Ես այդպիսի բան չգիտեմ, ― ասաց Ֆերնանդոն և ցցեց նախ աջ, ապա ձախ ցուցամատը։
 +
 +
― Իսկ թքել կարո՞ղ ես, ― հարցրեց Ագուստինն ու աչքով արեց Ռոբերտ Ջորդանին։
 +
 +
Ֆերնանդոն կոկորդը մաքրեց և, հպարտ֊հպարտ, գունդ թքեց հատակին, հետո սկսեց ոտով տրորել։
 +
 +
― Ի՞նչ ես անում, կեղտոտ ջորի, ― ասաց Պիլարը։ ― Քաջությունդ ես ցույց տալի՞ս, թքի՛ր, օջախի մեջ։
 +
 +
― Ես հատակին չէի թքի, Պիլար, եթե այս վայրը լքելու չլինեինք, ― վերամբարձ տոնով ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Դե տես, որ այսօր թքելիս զգույշ լինես, ― ասաց Պիլարը։ ― Չլինի այնպիսի մի տեղ թքես, որտեղից չկարողանաս հետո հեռանալ։
 +
 +
― Այս կինը ոնց որ սև կատու լինի, ― ասաց Ագուստինը։ Նրա ջղագրգռությունը դրսևորվում էր կատակելու ցանկությամբ, այլապես նույն հոգեկան վիճակում էր, ինչ մյուսները։
 +
 +
― Կատակում եմ, ― ասաց Պիլարը։
 +
 +
― Ես էլ, ― ասաց Ագուստինը։ ― Բայց me cago la leche, ո՞ւր էր, շուտ սկսեինք այս գործը։
 +
 +
― Գնչուն որտե՞ղ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը Էլադիոյին։
 +
 +
― Ձիերի մոտ, ― ասաց Էլադիոն։ ― Քարայրի մուտքից երևում է։
 +
 +
― Նա ո՞նց է։
 +
 +
Էլադիոն քմծիծաղեց․
 +
 +
― Լավ վախեցած է, ― ասաց։ Խոսելով ուրիշի վախի մասին, նա սրտապնդվեց։
 +
 +
― Լսի՛ր, Ingles... ― սկսեց Պիլարը։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նայեց նրան և տեսավ, որ կնոջ բերանը բաց էր մնացել, սեփական աչքերին չհավատացող մարդու արտահայտություն էր գծագրվել նրա դեմքին, արագ շրջվեց դեպի քարայրի մուտքն ու ձեռքը տարավ ատրճանակին։ Կանգնել էր Պաբլոն այդտեղ՝ տապճակը ձեռքով մի կողմ քաշած, ավտոմատի փողը ուսից վեր ցցված, կարճահասակ, թիկնեղ, մազակալած երեսով ու նայում էր իրենց՝ իր փոքր, կարմրած կոպերով աչքերն առանց որևէ մեկի վրա որոշակիորեն հառելու։
 +
 +
― Դո՞ւ․․․ ― աչքերին չհավատալով ասաց Պիլարը։ ― Դո՞ւ ես։
 +
 +
― Ես եմ, ― հանգիստ ասաց Պաբլոն։ Ներս եկավ։ ― Hola, Ingles, ― ասաց։ ― Հետս հինգ հոգի եմ բերել, Էլիասի ու Ալեխանդրոյի խմբերից, իրենց ձիերով։
 +
 +
― Իսկ պայթուցի՞չը, դետոնատորնե՞րը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մնացած իրեր՞րը։
 +
 +
― Գցել եմ քարափից, գետը, ― ասաց Պաբլոն՝ շարունակելով նայել անորոշ ուղղությամբ։ ― Բայց մտածել եմ, հնար կա, կարելի է նռնակով։
 +
 +
― Դա ես էլ եմ մտածել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Խմելու բան ունե՞ս, ― հոգնած հարցրեց Պաբլոն։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը մեկնեց նրան իր տափաշիշը, Պաբլոն մի քանի կում արեց ու ձեռքի երեսով սրբեց բերանը։
 +
 +
― Ի՞նչ է կատարվում քեզ հետ, ― հարցրեց Պիլարը։
 +
 +
― Nada, ― ասաց Պաբլոն՝ նորից սրբելով բերանը, ― ոչինչ։ Վերադարձել եմ։
 +
 +
― Բայց ի՞նչ։
 +
 +
― Ոչինչ։ Թուլության մի պահ էր։ Թողեցի֊գնացի, հիմա վերադարձել եմ։ ― Դարձավ Ռոբերտ Ջորդանին։ ― En el fondo no soy cobarde, ― ասաց նա։ ― Խորքիս մեջ վախկոտ եմ։
 +
 +
Բայց շատ ու շատ ուրիշ բաներ ես, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Անիծված լինեմ, թե ճիշտ չեմ։ Ուրախ եմ, սակայն, որ նորից եմ տեսնում քեզ, շանորդի շուն։
 +
 +
― Հինգ հոգու միայն կարողացա բերել Էլիասի ու Ալեխանդրոյի մոտից, ― ասաց Պաբլոն։ ― Ձիուց չեմ իջել այստեղից գնալուց հետո։ Ինը հոգով դուք այս գործը գլուխ չէիք կարող բերել։ Երբեք։ Ես այդ բանը երեկ գիշեր հասկացա, երբ Ingles֊ը բացատրում էր։ Գլուխ չէիք բերի։ Երբեք։ Ներքևի պահակակետում յոթ զինվոր են, մեկ էլ կապրալը։ Ասենք ահազանգեցին կամ հրաձգություն սկսվեց։ ― Հիմա նա նայում էր Ռոբերտ Ջորդանին։ ― Ես կարծում էի, թե իմ գնալուց հետո դու կհասկանաս, որ այս գործը գլուխ բերելն անհնար է, ու կհրաժարվես։ Հետո որ իրերդ գցեցի, սկսեցի ուրիշ ձևով մտածել։
 +
 +
― Ուրախ եմ, որ նորից եմ տեսնում քեզ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա մոտեցավ Պաբլոյին։ ― Նռնակներով էլ կարող ենք պայթեցնել։ Կլինի։ Ոչինչ, որ մյուս իրերը չկան։
 +
 +
― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ ― Ես քեզ համար ոչինչ չէի անի։ Դու չարիքի արմատ ես։ Ինչ փորձանք որ գալիս է, դու ես պատճառը։ Սորդոյինն էլ։ Բայց երբ իրերդ գցեցի, մենակ զգացի ինձ, շատ մենակ։
 +
 +
― Քո մերը․․․ ― ասաց Պիլարը։
 +
 +
― Դրա համար էլ գնացի մարդ ճարեցի, որպեսզի գործը գլուխ գա։ Բերել եմ ամենալավերին։ Ասել եմ մնան բարձունքում, մինչև հետդ խոսեմ։ Նրանք կարծում են, որ ես եմ հրամանատարը։
 +
 +
― Դու ես, ― ասաց Պիլարը։ ― Եղի՛ր, եթե ուզում ես։
 +
 +
Պաբլոն նայեց կնոջը և ոչ մի խոսք չարտասանեց։ Հետո պարզ ու հանգիստ ասաց․
 +
 +
― Սորդոյի դեպքից հետո շատ եմ մտածել։ Համոզվեցի, որ եթե մեռնելու ենք, ուրեմն միասին պետք է մեռնենք։ Բայց քեզ, Ingles, ատում եմ, դո՛ւ այս աղետը բերիր մեր գլխին։
 +
 +
― Բայց Պաբլո․․․ ― սկսեց Ֆերնանդոն՝ գրպանները նռնակներով լցրած, փամփշտակալն ուսից գցած և հացի կտորով տակավին ամանը սրբելով։ ― Դու չե՞ս հավատում գործողության հաջողությանը։ Երեկ չէ առաջի գիշերը դու ասում էիր, թե համոզված ես, որ հաջող կլինի։
 +
 +
― Միս ավելացրու դրա ամանի մեջ, ― չարացած ասաց Պիլարը Մարիային, հետո մեղմ հայացքով դարձավ Պաբլոյին․ ― Ուրեմն վերադարձա՞ր։
 +
 +
― Այո, կին, ― ասաց Պաբլոն։
 +
 +
― Լավ է, բարով ես եկել, ― ասաց Պիլարը։ ― Ես չէի հավատում, որ դու կործանված մարդ ես, ինչպես թվում էիր։
 +
 +
― Ես այդ բանն արեցի և հետո այնպես ինձ մենակ զգացի, որ չկարողացա դիմանալ, ― հանգիստ ասաց Պաբլոն։
 +
 +
― Չկարողացա՜ դիմանալ, ― ծաղրեց Պիլարը։ ― Դու նույնիսկ տասնհինգ րոպե մենակ չես դիմանա։
 +
 +
― Մի՛ ծաղրիր կին։ Չէ՞ որ արդեն վերադարձել եմ։
 +
 +
― Եվ բարով ես եկել, ― ասաց Պիլարը։ ― Արդեն մի անգամ ասել եմ, չե՞ս լսել։ Խմի՛ր, սուրճդ ու գնանք։ Հոգնեցի այս թատրոնից։
 +
 +
― Սո՞ւրճ է։
 +
 +
― Անշուշտ, ― ասաց Ֆերնանդոն։
 +
 +
― Լցրո՛ւ, Մարիա, ― ասաց Պաբլոն։ ― Դու ո՞նց ես, ― հարցրեց նա առանց նայելու աղջկան։
 +
 +
― Լավ, ― ասաց Մարիան ու թասով սուրճ բերեց նրան։ ― Միս ուզո՞ւմ ես։ ― Պաբլոն գլուխը թափ տվեց։
 +
 +
― No me gusta estar solo, ― Պաբլոն շարունակեց բացատրություն տալ Պիլարին, այնպես, կարծես մյուսներն այդտեղ չլինեին։ ― Չեմ սիրում մենակ լինել, sabes?<ref>Գիտե՞ս (իսպ․):</ref> Երեկ ամբողջ օրը ձիուց ցած չեմ իջել, և ոչ մի հոգնածություն չէի զգում, որովհետև մեր ընդհանուր գործի համար էի անում այդ բանը։ Բայց այս անցած գիշե՜րը։ Hombre! Que mal lo pase:<ref>Ինչ վատ անցկացրի (իսպ․):</ref>
 +
 +
― Քո նախնին՝ Հուդա Իսկարիովտացին, կախեց իրեն, ― ասաց Պիլարը։
 +
 +
― Այդպես մի՛ խոսիր, կի՛ն, ― ասաց Պաբլոն։ ― Չե՞ս տեսնում։ Վերադարձել եմ։ Ի՞նչ կարիք կա Հուդայի կամ այդ բաների մասին խոսելու։ Վերադարձել եմ։
 +
 +
― Այդ բերածներդ ի՞նչ մարդիկ են, ― հարցրեց Պիլարը։ ― Արժե՞ր բերել։
 +
 +
― Son buenos, ― ասաց Պաբլոն և մի պահ հանդգնեց ուղիղ նայել Պիլարի աչքերին, հետո նորից շրջեց հայացքը։
 +
 +
― Buenos y bobos: Լավ և հիմար։ Պատրաստ են մեռնելու, պատրաստ են ինչի ասես։ A tu gusto: Քո ճաշակի։ Դու սիրում ես այդպիսիներին։
 +
 +
Պաբլոն նորից նայեց Պիլարի աչքերին և այս անգամ հայացքը չփախցրեց։ Փոքր, կարմրած կոպերով խոզի աչքերը հառեց կնոջ վրա ու մնաց։
 +
 +
― Դո՜ւ, ― ասաց կինը, և նրա խռպոտ ձայնը նորից քնքշությամբ համակվեց։ ― Դո՜ւ։ Իմ կարծիքով, եթե մարդը ժամանակին ինչ֊որ բան ունեցել է, հետո ինչքան էլ անցնի, ինչ֊որ բան այնուամենայնիվ կմնա։
 +
 +
― Listo,<ref>Պատրաստ եմ (իսպ․):</ref> ― ասաց Պաբլոն՝ արդեն ուղիղ և անթարթ նայելով կնոջը։ ― Պատրաստ եմ, ինչ լինելու է՝ լինի։
 +
 +
― Հիմա ես հավատում եմ, որ վերադարձել ես, ― ասաց Պիլարը։ ― Հավատում եմ։ Բայց դու հեռո՜ւ, շա՜տ հեռու էիր մեկնել, Hombre:
 +
 +
― Տո՛ւր մի կում անեմ քո այդ շշից, ― ասաց Պաբլոն Ռոբերտ Ջորդանին։ ― Եվ արդեն գնանք։
 +
 +
 +
==Գլուխ երեսունութերորդ
 +
 +
 +
==Գլուխ երեսունիններորդ==
 +
 +
Մթության մեջ բարձրացան սարալանջն ի վեր, հետո դուրս եկան անտառից ու նեղ կիրճի կողքով գնացին առաջ։ Կքած ծանր բեռների տակ՝ նրանք դանդաղ շարժվում էին։ Ձիերն էլ էին բեռնված։
 +
 +
Ձիերի բեռները կարող ենք գցել, ― ասաց Պիլարը, ― եթե անհրաժեշտ լինի։ Վերցրել եմ, որովհետև կարող են պետք գալ նոր ճամբարում։
 +
 +
― Այս խուրջինների մեջ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը կքել էր ուսապարկի տակ, նռնակներով ծանրացած բաճկոնի օձիքը սեղմում էր վիզը, ատրճանակը խփում ազդրին, ավտոմատի պահեստատուփերով խցկված շալվարի գրպաններն ուռել էին։ Սուրճի համը տակավին մնում էր բերանում։ Աջ ձեռքին ավտոմատն էր, ձախով բաճկոնի օձիքն իջեցրեց և անցկացրեց ուսապարկի փոկերի տակ, որպեսզի դրանք ուսերը չկտրեն։
 +
 +
― Ingles, ― ասաց մթության մեջ կողքով քայլող Պաբլոն։
 +
 +
― Ի՞նչ է, բարեկամ։
 +
 +
― Այս մարդիկ, որ եկել են հետս, կարծում են, թե գործը հաջող կլինի, որովհետև ես եմ նրանց բերել, ― ասաց Պաբլոն։ ― Դու այնպիսի բան չասես, որ հիասթափվեն։
 +
 +
― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց պիտի այնպես անենք, որ հաջող լինի։
 +
 +
― Հինգ ձի ունեն, Sabes? ― զգուշավորությամբ ասաց Պաբլոն։
 +
 +
― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կպահենք մեր ձիերի հետ։
 +
 +
― Լավ, ― ասաց Պաբլոն ու լռեց։
 +
 +
Ես չեմ կարծում, իհարկե, որ Տարսոնի ճանապարհին դու լրիվ դարձի ես եկել, Պաբլո՛, բարեկամս, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Չէ՛։ Այն, որ վերադարձել ես, դա համարյա հրաշք է, սակայն չեմ կարծում, որ երբևէ հարց առաջանա քեզ սրբացնելու։
 +
 +
― Ներքևի պահակակետը, որ Սորդոն պետք է խփեր, ես այս հինգի հետ կգրավեմ, ― ասաց Պաբլոն։ ― Լարերը կկտրեմ ու կգամ կամուրջ, ոնց որ պայմանավորվել էինք։
 +
 +
Այս հարցի մասին մի քանի րոպե առաջ արդեն խոսել ենք, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Տեսնես նորից ինչո՞ւ այս․․․
 +
 +
― Գրեդոս գնալու հնարավորություն կա, ― ասաց Պաբլոն։ ― Իրոք կա, ես այդ մասին երկար եմ մտածել։
 +
 +
Երևի սրա գլխում մի նոր լուսավոր միտք է ծագել, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Մի նոր հայտնություն։ Բայց որ ուզում ես համոզել ինձ, թե ես էլ եմ այնտեղ հրավիրվածների թվում, չէ՛, Պաբլո՛, թույլ տուր չհավատալ։
 +
 +
Այն պահից, երբ Պաբլոն մտել էր քարայր ու ասել, որ հետը հինգ հոգի է բերել, Ռոբերտ Ջորդանի տրամադրությունը բարձրացել էր։ Պաբլոյի վերադարձից հետո չքացել էր գործողության վախճանի ողբերգական հեռանկարը, որը տանջում էր նրան այն րոպեից, երբ սկսեց ձյուն տեղալ։ Մտածում էր, որ բախտը երես է դարձրել իրենից, թեև չէր հավատում բախտին, բայց եկավ Պաբլոն և ամեն ինչ շրջվեց դեպի լավը, զգաց, որ լցվում է հաջողության հավատով, այնպես, ինչպես անվադողն է օդով լցվում, երբ փչում են պոմպով, սկզբում աննկատ, հետո կամաց֊կամաց բարձրանում է, բարձրանում, ինչպես ծովը մակընթացության ժամանակ, ինչպես ավիշը ծառի մեջ։ Եվ, ահա, բարձրանում էր իր մեջ բոլոր վատ նախազգացումներն հերքող այդ հավատը, որը հաճախ էր մարտերից առաջ գալիս ու այսպես երջանկության զգացողությամբ լցնում ողջ էությունը։
 +
 +
Սա մեծագույն պարգև էր, մի շնորհ, որը շատ էր պետք եկել պատերազմի ընթացքում։ Դա այն էր, որ նա կարող էր արհամարհել գործի վատ վախճանի հնարավորությունը, առանց, սակայն, անտեսելու այն։ Բայց վերջերս այս հատկությունն սկսել էր կորցնել, պատճառը ուրիշների կյանքի համար պատասխանատու լինելու հանգամանքը և գործողությունների անպետք կամ թերի ծրագրումներն էին։ Երբեք չի կարելի անտեսել գործի ձախողության, վատ վախճանի հնարավորությունը։ Դա մի անձի ապահովության հարց չէ, անձը կարելի է։ Անձը ոչինչ։ Նա ավելի քան համոզված էր, որ դա այդպես է։ Թեև վերջին մի քանի օրը հասկացավ, որ մի այլ անձի հետ ինքը կարող է դառնալ ամեն ինչ։ Բայց ներքուստ գիտեր, որ սա բացառություն էր։ Մի բան էր՝ վիճակվեց մեզ, մտածեց նա։ Այդտեղ իմ բախտը բերեց։ Եվ դա ինձ պարգևեց թերևս այն պատճառով, որ երբեք չէի խնդրել։ Դա ոչ ոք չի կարող խլել ինձանից,  ոչ էլ երբևիցե կկորցնեմ։ Բայց այս առավոտ դա արդեն անցավ֊գնաց և հիմա մեզ մնում է միայն մի բան՝ անել հանձնարարված գործը։
 +
 +
Իսկ հիմա դառնանք քեզ, ասաց ինքն իրեն, ես ուրախ եմ, որ դու քիչ առ քիչ նորից ես ձեռք բերում այն, ինչի պակասն այնպես ահավոր զգացվում էր որոշ ժամանակ։ Բայց սարսափելի ընկճված էիր։ Եղավ մի պահ, որ լավ ամաչեցի քեզ համար։ Բայց այդ դու ասածս ես էի։ Ուրիշ ես չկար, որ դատեր քեզ։ Մենք երկուսս էլ սարսափելի ընկճված էինք։ Եվ դու, և ես, և երկուսս միասին։ Դե լա՛վ։ Վերջ տուր շիզոֆրենիկի այդ մտածելակերպին։ Հիմա մեկն էլ է բավական։  Ա՛յ, վերստին կարգին մարդ դարձար։ Բայց լա՛վ լսիր՝ աղջկան պետք է մտքիցդ հանես այսօր։ Դու նրան պիտի պահպանես, իսկ դա կարող ես անել միայն մի ձևով՝ հեռու պահելով, և այդպես էլ կանես։ Ձիերը, ինչպես երևում է բոլոր նշաններից, կբավարարեն։ Լավագույն բանը, որ դու կարող ես անել աղջկա համար՝ գործդ կարգին և արագ գլուխ բերելն է ու այստեղից հեռանալը, իսկ նրանով ուղեղդ զբաղեցնելը կարող է միայն խանգարել։ Այնպես որ՝ նրա մասին այլևս չմտածես։
 +
 +
Այս խորհրդածություններից հետո կանգ առավ և սպասեց, մինչև որ Մարիան Պիլարի, Ռաֆայելի ու ձիերի հետ եկավ հասավ իրեն։
 +
 +
― Հը, guapa, ― ասաց աղջկան մթության մեջ, ― ո՞նց ես։
 +
 +
― Լավ եմ, Ռոբերտո, ― ասաց նա։
 +
 +
― Չանհանգստանաս, ― ասաց աղջկան և ավտոմատը վերցնելով ձախ ձեռքը՝ աջը դրեց նրա ուսին։
 +
 +
― Չեմ անհանգստանում, ― ասաց աղջիկը։
 +
 +
― Շատ լավ է ամեն ինչ կազմակերպված, ― ասաց աղջկան։ ― Ռաֆայելն ու դու կմնաք ձիերի մոտ։
 +
 +
― Ես ավելի շատ կուզեի քեզ հետ լինել։
 +
 +
― Ոչ։ Ձիերի մոտ դու ավելի օգտակար կլինես։
 +
 +
― Լավ, ― ասաց աղջիկը։ ― Կմնամ ձիերի մոտ։
 +
 +
Այդ պահին ձիերից մեկը խրխնջաց, և ներքևի ժայռերի միջից մի ուրիշ ձի սուր, դողացող ու անընդհատուն խրխնջոցով պատասխանեց նրան։ Ռոբերտ Ջորդանը քայլերն արագացրեց ու Պաբլոյի հետ մոտեցավ ձիուն։ Ձիերի կողքին մարդիկ էին կանգնած։
 +
 +
― Salud, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Salud, ― պատասխանեցին նրանք մթության մեջ։
 +
 +
Նրանց դեմքերը չէր տեսնում։
 +
 +
― Սա մեզ հետ եկող Ingles֊ն է, ― ասաց Պաբլոն։ ― Դինամիտավոր է։
 +
 +
Ոչ մեկը չարձագանքեց, թերևս գլխով արեցին մթության մեջ։
 +
 +
― Գնա՛նք, Պաբլո՛, ― ասաց մեկը։ ― Շուտով կլուսանա։
 +
 +
― Նռնակներ բերե՞լ եք, ― հարցրեց մեկ ուրիշը։
 +
 +
― Ինչքան ասես, ― ասաց Պաբլոն։ ― Երբ որ ձիերը թողնենք, վերցրեք ինչքան պետք է։
 +
 +
― Դե գնա՛նք, ― ասաց մեկ ուրիշը։ ― Գիշերվա կեսն սպասելով անցկացրինք։
 +
 +
― Hola, Պիլա՛ր, ― ասաց մեկ ուրիշը, երբ մոտեցավ կինը։
 +
 +
― Que me maten,<ref>Թող մեռնեմ (իսպ․):</ref> եթե սա Պեպեն չէ, ― խռպոտ ձայնով ասաց Պիլարը։ ― Ո՞նց ես, հովիվ։
 +
 +
― Լավ, ― ասաց տղամարդը։ ― Dentro de la gravedad:
 +
 +
― Այդ ի՞նչ ձի է, ― հարցրեց Պիլարը։
 +
 +
― Պաբլոյի մոխրագույնը, ― ասաց նա։ ― Հզոր ձի է։
 +
 +
― Արի, ― ասաց մի ուրիշ մարդ։ ― Գնացինք։ Լեզվին տալու ժամանակը չէ։
 +
 +
― Դու ո՞նց ես, Էլիսիո, ― հարցրեց Պիլարը նրան, երբ նա նստում էր թամբին։
 +
 +
― Ո՞նց պիտի լինեմ, ― ասաց նա կոպտորեն։ ― Թարգ տուր, կի՛ն, մենք գործ ունենք։
 +
 +
Պաբլոն հեծավ իր աշխետ ձին։
 +
 +
― Բերաններդ փակեք ու եկեք իմ ետևից, ― ասաց նա։ ― Գնանք ցույց տամ, թե որտեղ ենք թողնելու ձիերը։
 +
 +
 +
==Գլուխ քառասուներորդ==
 +
 +
Ռոբերտ Ջորդանը քնել էր, հետո արթնացել, կամուրջը պայթեցնելու ծրագիր կազմել, ապա եղել Մարիայի հետ, իսկ Անդրեսը հանրապետականների առաջապահ գծերում էր տակավին։ Ֆաշիստների տիրապետության տակ գտնվող հողերը նա շատ արագ էր անցել, այսինքն ինչքան կարող է տեղանքին լավ ծանոթ առողջ ու ամուր գյուղացին խավար գիշերով։ Հանրապետականների գծերն հասնելու հետ ընթացքը դանդաղել էր։
 +
 +
Նրան թվում էր, թե բավական է ցույց տա Ռոբերտ Ջորդանի տված անցագիրն ու զեկուցագիրը՝ ՌՀԾ֊ի կնիքը վրան, և բոլորը կօգնեն իրեն, որպեսզի ծրարը շտապ տեղ հասցնի։ Բայց դեռևս սահմանի վրա բախվեց հանրապետական մի վաշտի հրամանատարի, որն իր ամբողջ առաքելությունը բվեճի նման կասկածի տակ առավ։
 +
 +
Այդ վաշտի հրամանատարը նրան տարավ գումարտակի հրամանատարի մոտ, որը պատերազմից առաջ սափրիչ էր եղել, սա որ լսեց առաքելության մասին, ոգևորվեց։ Նրա անունը Գոմես էր, նա նախատեց վաշտի հրամանատարին, որ այդքան հիմար է գտվել, թփթփացրեց Անդրեսի ուսին, մի անպետք կոնյակ հյուրասիրեց և ասաց, որ ինքը՝ նախկին սափրիչը, միշտ երազել է guerrillero լինել։ Հետո զարթնեցրեց համհարզին, գումարտակը հանձնեց նրան և հանձնակատարին ասաց, որ գնա մոտոցիկլիստին կանչի։ Բայց մեկ էլ որոշեց ոչ թե մոտոցիկլիստի հետ ուղարկել Անդրեսին, այլ անձամբ տանել բրիգադի շտաբ, որպեսզի գործերն արագացնի։ Անդրեսը նստեց ետևը, ամուր կառչեց դիմացի բռնակից, և մոտոցիլը դար ու փոսերի վրայով թռչկոտելով առաջ շարժվեց ռումբերից ավերված ճանապարհով։ Ցոլարձակ լապտերի լույսն ընկնում էր խճուղու երկու կողմերին բարձրացած ծառերի բներին, որոնց կրապատ կեղևները պոկոտվել էին արկերի բեկորներից, երբ այդ վայրերում պատերազմի առաջին օրերին մարտեր էին տեղի ունեցել։ Ճանապարհից թեքվեցին ու մտան լեռնային ամառանոցային մի գյուղակ։ Բրիգադի շտաբն այդտեղ էր տեղավորված։ Գոմեսը մրցարշավորդի վարպետությամբ արգելակեց մեքենան, հետո հենց տան պատին և քնաթաթախ ժամապահի կողքով, որը պատվի առավ, իրեն գցեց մի մեծ սենյակ, որտեղ պատերից քարտեզներ էին կախված և մի սպա, կանաչ հովարն հոնքերին, համարյա քնած, նստել էր սեղանի դիմաց՝ առաջը մի լուսամփոփ, երկու հեռախոս և Mundo brero֊ի մի համար։
 +
 +
Սպան նայեց Գոմեսին։
 +
 +
― Ինչո՞ւ ես այստեղ, ― ասաց։ ― Հեռախոսի գոյության մասին չե՞ս լսել։
 +
 +
― Ես պետք է փոխգնդապետին տեսնեմ, ― ասաց Գոմեսը։
 +
 +
― Նա քնած է, ― ասաց սպան։ ― Հեծանիվիդ լապտերի լույսը մի կիլոմետրից երևում էր։ Ի՞նչ է, ուզում ես ռմբակոծել սկսե՞ն։
 +
 +
― Կանչիր փոխգնդապետին, ― ասաց Գոմեսը։ ― Սա չափազանց կարևոր գործ է։
 +
 +
― Ասացի քնած է։ Իսկ դա ի՞նչ բանդիտ է հետդ, ― ասաց սպան ու գլխով ցույց տվեց Անդրեսին։
 +
 +
― Guerrillero է, ռազմաճակատի գծի մյուս կողմից, զեկուցագիր է բերել գեներալ Գոլցին, նրան, որը ղեկավարում է Նավասեռադայի մոտ վաղն առավոտյան նախատեսվող հարձակումը, ― հուզված ու ընդգծված լրջությամբ ասաց Գոմեսը։ ― Արթնացրու Teniente-Coronel֊ին, ի սեր աստծո։
 +
 +
Սպան նայեց նրան կանաչ ցելյուլոիդե հովարի տակ պատսպարված կիսախուփ աչքերով։
 +
 +
― Դուք բոլորդ էլ գժվել եք, ― ասաց նա։ ― Ես ոչ մի գեներալ Գոլց չգիտեմ, ոչ էլ որևէ հարձակման մասին տեղեկություն ունեմ։ Վերցրու սպորտսմենիդ ու վերադարձի՛ր գումարտակդ։
 +
 +
― Քեզ ասում եմ արթնացրու Teniente-Coronel֊ին, ― ասաց Գոմեսը և Անդրեսը տեսավ, որ նրա ատամները սեղմվեցին։
 +
 +
― Դե ռադ եղիր, ― ծույլ֊ծույլ ասաց սպան և երեսը շրջեց։
 +
 +
Գոմեսը պատյանից դուրս քաշեց իր ինը միլիմետրանոց ծանր «Ստար» ատրճանակն ու դեմ արեց սպայի ուսին։
 +
 +
― Արթնացրո՛ւ, ֆաշիստ պոռնկորդի՛, ― ասաց նա։ ― Արթնացրո՛ւ, թե չէ կսպանեմ։
 +
 +
― Հանգի՛ստ, ― ասաց սպան։ ― Շատ տաքարյուն եք սափրիչներդ։
 +
 +
Լուսամփոփի լույսի տակ Անդրեսը տեսավ Գոմեսի դեմքը, որը ատելությունից ձգվել ու ծռվել էր։ Բայց նա միայն «արթնացրու» էր ասում, ուրիշ ոչինչ չէր անում։
 +
 +
― Հանձնակատա՛ր, ― կանչեց սպան արհամարհալից ձայնով։
 +
 +
Դռան մեջ մի զինվոր երևաց, պատվի առավ ու դուրս գնաց։
 +
 +
― Այսօր նրա նշանածն է մոտը, ― ասաց սպան և նորից շարունակեց սեղանին դրված թերթը կարդալ։ ― Քեզ որ տեսնի, շատ կուրախանա, չկասկածես։
 +
 +
― Քեզպեսներն են, քեզպեսները, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մենք պատերազմը տանուլ տանք, ― ասաց Գոմեսը շտաբի սպային։
 +
 +
Սպան ուշադրության չարժանացրեց նրա խոսքերը։ Շարունակեց կարդալ, հետո կարծես ինքն իրեն, ասաց․
 +
 +
― Ա՛յ, թե թերթ է, շատ հետաքրքիր է։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ El Debate չես կարդում։ Դա է ձեր թերթը, ― ասաց Գոմեսը՝ տալով պատերազմից առաջ Մադրիդում լույս տեսնող կաթոլիկական֊պահպանողական գլխավոր օրգանի անունը։
 +
 +
― Մի՛ մոռացիր, որ ես քեզանից բարձրաստիճան սպա եմ և իմ զեկուցագիրը կարող է ծանր նստել վրադ, ― ասաց սպան առանց հայացքը բարձրացնելու։ ― Ես երբեք El Debate չեմ կարդացել։ Սուտ մեղադրանքներդ պահիր քեզ։
 +
 +
― Չես կարդում։ Չէ՛։ Դու A. B. C․<ref>Միապետականների օրգանը</ref> ես կարդում, ― ասաց Գոմեսը։ ― Բանակում վխտում են տակավին քեզպեսները։ Պրոֆեսիոնալներ։ Մի կողմից տգետներ, մյուս կողմից ցինիկներ։ Մնացել ենք երկուսի արանքում։ Բայց մենք մերը կանենք։ Ում դաստիարակելու է կդաստիարակենք, ում չէ՝ կոչնչացնենք։
 +
 +
― «Կմաքրենք», երևի այս բառն էիր փնտրում, ― ասաց սպան՝ դեռևս չբարձրացնելով հայացքը։ ― Ահա, հաղորդագրություն քո փառահեղ ռուսների մաքրումների մասին։ Ավելի հիմնավոր են մաքրում, քան անգլիական աղը։
 +
 +
― Ինչ անուն ուզում ես տուր, ― բորբոքված ասաց Գոմեսը, ― ինչ անուն ուզում ես տուր, միայն թե քեզպեսները լիկվիդացվեն։
 +
 +
― Լիկվիդացնել, ― անպատկառորեն, կարծես ինքն իր հետ խոսլով, ասաց սպան։ ― Եվս մի բառ, որի մեջ ոչ մի կաստիլիական բան չկա։
 +
 +
― Ուրեմն գնդակահարել, ― ասաց Գոմեսը։ ― Սա կաստիլերեն է։ Սա հասկանալի՞ է։
 +
 +
― Այո՛, բարեկամ, բայց այդքան բարձր մի՛ խոսիր։ Բրիգադի շտաբում միայն Teniente-Coronel֊ը չէ, ուրիշ մարդիկ էլ կան քնած, բացի այդ, ձանձրացնում է ինձ քո այդ տաքարյուն֊տաքարյուն խոսելը։ Սրա համար է, որ միշտ ինքս եմ իմ երեսը ածիլել։ Չեմ սիրում, որ շատ են խոսում։
 +
 +
Գոմեսը նայեց Անդրեսին ու գլուխը թափ տվեց։ Կատաղությունից ու ատելությունից արտասվակալած աչքերը փայլում էին։ Բայց նա միայն գլուխը տարուբերեց և ոչինչ չասաց, ասելիքը ներս գցեց՝ պահելով ապագայի ինչ֊որ օրվա։ Այս մեկուկես տարվա ընթացքում նա Սիեռայում բարձրացել էր մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնին և շատ բան էր ներս գցել, և հիմա էլ, երբ փոխգնդապետը, հագին պիժամա, մտավ սենյակ, նա զգաստ կանգնեց ու պատվի առավ։
 +
 +
Փոխգնդապետ Միրանդան՝ կարճահասակ, գորշ դեմքով մի տղամարդ, որն ամբողջ կյանքն անցկացրել էր բանակում, Մադրիդում կորցրել էր կնոջ սերը, իսկ Մարոկկոյում ստամոքսի առողջությունը, հանրապետական էր դարձել, երբ համոզվել էր, որ ապահարզան չի կարող ստանալ (մարսողությունը վերականգնելու միջոց չկար), քաղաքացիական պատերազմն սկսել էր փոխգնդապետի աստիճանով։ Նա միայն մի ցանկություն ուներ՝ նույն աստիճանով էլ ավարտել պատերազմը։ Սիեռայի պաշտպանությունը հաջողությամբ էր գլուխ բերել և կուզենար, որ իրեն այդտեղ էլ թողնեին, եթե երբևիցե նորից հարկ լիներ պաշտպանվելու։ Պատերազմի ընթացքում շատ ավելի լավ էր զգում, հավանաբար այն պատճառով, որ մսեղենի գործածության հնարավորությունը պակասել էր, ուներ երկածխաթթվային սոդայի հսկայական մի պաշար, երեկոները վիսկի էր խմում, իսկ քսաներեքամյա սիրուհին, ինչպես բոլոր այն աղջիկները, որոնք անցյալ տարվա հուլիսից հետո miliciana էին դարձել, երեխա էր սպասում։ Փոխգնդապետը գլխով արեց պատվի առած Գոմեսին, մոտեցավ ու ձեռք տվեց։
 +
 +
― Ի՞նչն է բերել քեզ, Գոմես, ― հարցրեց նրան ու հետո դարձավ սեղանի առջև նստած սպային․ ― խնդրում եմ մի սիգարետ տաս, Պեպե՛։
 +
 +
Գոմեսը ցույց տվեց Անդրեսի փաստաթղթերն ու ծրարը։ Փոխգնդապետն արագ աչքի անցկացրեց Salvocomducto֊ն, նայեց Գոմեսին, գլխով արեց ու ժպտաց, հետո չթաքցված հետաքրքրասիրությամբ նայեց ծրարին, ցուցամատով շոշափեց կնիքը և թղթերը վերադարձրեց Անդրեսին։
 +
 +
― Ո՞նց է, դժվա՞ր է կյանքը սարերում, ― հարցրեց։
 +
 +
― Ոչ, իմ փոխդնդապետ, ― ասաց Անդրեսը։
 +
 +
― Ասե՞լ են քեզ, թե որ կետերին է ավելի մոտ գեներալ Գոլցի շտաբը։
 +
 +
― Նավասեռադային, իմ փոխգնդապետ, ― ասաց Անդրեսը։ ― Ingles֊ն ասաց, որ Նավասեռադայի մոտ է, ռազմաճակատի գծերից դենը, աջի վրա։
 +
 +
― Ի՞նչ Ingles, ― հանգիստ հարցրեց փոխգնդապետը։
 +
 +
― Ingles֊ը, որն եկել է մեզ մոտ որպես դինամիտավոր։
 +
 +
Փախգնդապետը գլխով արեց։ Եվս մի անբացտրելի, այս պատերազմին հատուկ տարօրինկություն՝ «Ingles֊ը, որն եկել է մեզ մոտ որպես դինամիտավոր»։
 +
 +
― Լավ կլինի ինքդ քո մոտոցիկլով տանես, Գոմես, ― ասաց փոխգնդապետը։ ― Մի ազդեցիկ Salvoconducto գրիր գեներալ Գոլցի Estado Mauor֊ի վրա, տուր ստորագրեմ, ― ասաց կանաչ ցելյուլոիդե հովարով սպային։ ― Լավ կլինի մեքենագրես, Պեպե։ Տվյալներն այստեղ կան, ― Անդրեսին նշան արեց, որ անցագիրը տա, ― և երկու տեղով կնքիր։ Այս գիշեր անհրաժեշտ է ազդեցիկ թուղթ ունենալ, ― ասաց Գոմեսին։ ― Եվ դա է ճիշտը։ Երբ հարձակում է նախապատրաստվում, պետք է զգույշ լինել։ Կաշխատեմ ինչքան հնարավոր է ազդեցիկ թուղթ տալ ձեզ։ ― Հետո դարձավ Անդրեսին և քնքշորեն ասաց․ ― Որևէ բան չէի՞ր ցանկանա։ Խմե՞լ, ուտե՞լ։
 +
 +
― Ոչ, իմ փոխգնդապետ, ― ասաց Անդրեսը։ ― Վերջին պահակակետում կոնյակ հյուրասիրեցին, եթե նորից խմեմ, վատ կզգամ։
 +
 +
― Այստեղ գալիս մեր դիրքերի մոտերքում տեղաշարժեր նկատեցի՞ր, ― սիրալիր հարցրեց փոխգնդապետը Անդրեսին։
 +
 +
― Սովորականի պես, իմ փոխգնդապետ։ Խաղաղ էր։ Խաղաղ։
 +
 +
― Ես քեզ երեք ամիս առաջ Սերսեդիլայում չե՞մ տեսել, ― հարցրեց փոխգնդապետը։
 +
 +
― Տեսել եք, իմ փոխգնդապետ։
 +
 +
― Այդպես էլ կարծում էի, փոխգնդապետը թփթփացրեց նրա ուսին։ ― Ծերունու հետ էիր, Անսելմոյի։ Նա ո՞նց է։
 +
 +
― Լավ է, իմ փոխգնդապետ, ― ասաց Անդրեսը։
 +
 +
― Բարի։ Ուրախ եմ, ― ասաց փոխգնդապետը։
 +
 +
Սպան ցույց տվեց մեքենագրածը, փոխգնդապետը կարդաց, ստորագրեց։
 +
 +
― Հիմա պետք է շտապենք, ― ասաց Գոմեսին ու Անդրեսին։ ― Մոտոցիկլի հետ զգույշ վարվեք, ― ասաց Գոմեսին։ ― Լապտերը միացրո՛ւ։ Մի մոտոցիկլից բան չի պատահի, բայց զգույշ քշիր։ Ողջյուններ հաղորդիր ընկեր գեներալ Գոլցին։ Ծանոթացել ենք Պեգերինոսի մարտերից հետո։ ― Սեղմեց երկուսի ձեռքն էլ։ ― Շապիկիդ գրպանը կոճկիր, ― ասաց։ ― Քամին կարող է թղթերդ թռցնել, մոտոցիկլով եք։
 +
 +
Նրանց դուրս գալուց հետո նա մոտեցավ պահարանին, վերցրեց բաժակն ու շիշը, վիսկի լցրեց, հետո հատակին դրված կավե կժից ջուր ավելացրեց և, պատից կախված մեծ քարտեզի առջև կանգնած ու կում֊կում վիսկի խմելով, սկսեց քննել Նավասեռադայի տակ նախապատրաստվող հարձակման հաջողության հնարավորությունները։
 +
 +
― Ուրախ եմ, որ ես չեմ այնտեղ, այլ Գոլցը, ― ասաց վերջապես սեղանի դիմաց նստած սպային։ Սպան չպատասխանեց, փոխգնդապետն հայացքը կտրեց քարտեզից, դարձավ սպային և տեսավ, որ նա գլուխը դրել է թևին ու քնել, մոտեցավ սեղանին, հեռախոսները աջ ու ձախ կողմից կպցրեց սպայի գլխին, հետո նորից վիսկի և ջուր լցրեց բաժակն ու կանգնեց քարտեզի դիմաց։
 +
 +
Անդրեսը նստել և ամուր կառչել էր բռնակից, մինչ Գոմեսը շարժիչն էր գործի դնում։ Աղմուկն ու լույսը ահա ճեղքեցին խավարը և մոտոցիկլը սլացավ բարդիներով եզերված գյուղի սև, մութ ճանապարհով, Անդրեսը գլուխը հակեց, որպեսզի պատսպարի քամուց, հետո, երբ իջան գետափ, սև խավարը մշուշվեց, դարձավ դեղնավուն, և նորից սև֊մութ, երբ ճանապարհը գնաց դեպի վեր։ Խաչմերուկի վրա մոտոցիկլի լապտերի լույսի տակ երևացին սարերից իջնող բեռնաթափված մեքենաները։
 +
 +
 +
==Գլուխ քառասունմեկերորդ==
 +
 +
Պաբլոն կանգնեցրեց ձին և մթության մեջ ցած իջավ, Ռոբերտ Ջորդանը լսեց թամբերի ճռռոցը, ձիերից իջնող մարդկանց ծանր շնչառությունը, լկամի զնգոց, երբ մի ձի գլուխը թափահարեց։ Ձիահոտ առավ, անլվա շորերով քնած֊վեր կացած նորեկների վրայից քրտնքի հոտ փչեց, քարայրում քնածներին փայտի ծխի հոտն էր ամուր կպել։ Պաբլոն կողքին էր, նրանից արույրի, թթված գինու հոտ էր փչում, այնպիսի զգացողություն էր, կարծես բերանիդ մի անկյունում սև մետաղադրամ լիներ։ Ռոբերտ Ջորդանը սիգարետը վառեց ու պահեց ափի մեջ, որպեսզի լույսը չնկատվի, հետո լսեց, որ Պաբլոն շատ ցածր ձայնով կնոջն ասում է․ «Պիլար, ես մինչև ձիերի ոտնակապերը գցեմ, դու նռնակի պարկն իջեցրու»։
 +
 +
― Ագուստինո, ― շշնջալով ասաց Ռոբերտ Ջորդանը, ― դու և Անսելմոն կամուրջ եք գալու, ինձ հետ։ Maquina֊ի սկավառակների պարկը վերցրե՞լ ես։
 +
 +
― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Իհարկե։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը մոտեցավ Պիլարին, կինը ձիերից մեկի բեռներն էր իջեցնում Պրիմիտիվոյի օգնությամբ։
 +
 +
― Լսի՛ր, կի՛ն, ― ասաց ցածրաձայն։
 +
 +
― Ի՞նչ կա, ― խռպոտ ձայնով շշնջաց Պիլարը, ձիու փորատակի գոտին արձակելով։
 +
 +
― Հասկացա՞ր, որ պահակակետի վրա հարձակվելու եք միայն ռմբակոծությունն սկսվելուց հետո։
 +
 +
― Քանի՞ անգամ ես ասելու, ― ասաց Պիլարը։ ― Դառնում ես պառաված կնիկ։
 +
 +
― Ուզում եմ մի անգամ ևս ստուգել, հենց այդքան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ժամապահներից ոչնչացնելուց հետո կգաք կամուրջ և կծածկեք ճանապարհի վերևի մասն ու իմ ձախ թևը։
 +
 +
― Դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ բացատրեցիր, ես ամեն ինչ հասկացա, նույն բանը նորից մի՛ պատմիր, ― շշնջաց Պիլարը։ ― Գնա՛, գնա տես ինչ ես անում։
 +
 +
― Մինչև ռմբակոծությունը չսկսվի, ոչ մի շարժում, ոչ մի կրակոց, ոչ մի նռնակ, ― ցածրաձայն ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Դե էլ հոգի մի՛ ուտի, ― զայրացած շշնջաց Պիլարը։ ― Դեռ այնտեղ՝ Սորդոյի մոտ ես այդ բոլորը հասկացա։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը գնաց Պաբլոյի մոտ, որը ձիերի ոտնակապերն էր գցում։
 +
 +
― Միայն նրանց ոտներին կապ գցեցի, որոնք կարող են խրտնել, ― ասաց Պաբլոն։ ― Իսկ սրանց, հենց այնպես եմ կապել, մի թեթև քաշես՝ կարձակվեն։
 +
 +
― Լավ։
 +
 +
― Աղջկան ու գնչուին կասեմ, թե ոնց վարվեն, ― ասաց Պաբլոն։ Նրա բերած մարդիկ առանձնացած կանգնել էին խմբով ու հենվել կարաբիններին։
 +
 +
― Հասկացե՞լ ես ամեն ինչ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Ինչո՞ւ չէ, ― ասաց Պաբլոն։ ― Ոչնչացնել ժամապահներին։ Կտրել լարերը։ Վերադառնալ կամուրջ։ Կամուրջը ծածկել, մինչև որ պայթեցնես։
 +
 +
― Եվ ոչ մի բան չանել, մինչև ռմբակոծել չսկսեն։
 +
 +
― Ճիշտ է։
 +
 +
― Դե լավ, հաջողություն։
 +
 +
Պաբլոն ինչ֊որ բան մռթմռթաց։ Հետո ասաց․
 +
 +
― Դու մեզ այդ քո մեծ ու փոքր maquina֊ներով ծածկելո՞ւ ես, Ingles, երբ սկսենք նահանջել։
 +
 +
― De la primera, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ոնց որ պետք է։
 +
 +
― Ուրեմն, ― ասաց Պաբլոն։ ― Էլ ոչ մի բան։ Բայց շատ զգույշ պետք է լինես, Ingles: Եթե զգույշ չլինես, իմացի՛ր, դա բարդ բան է։
 +
 +
― Maquina֊ի ետևը ես եմ լինելու, անձամբ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Իսկ դու դրա լեզուն լավ գիտե՞ս։ Որովհետև ես չեմ ուզում Ագուստինի գնդակից ընկնել, ինչքան էլ լավ մտադրությամբ նա այդ բանն անի։
 +
 +
― Ես դրա լեզուն շատ լավ գիտեմ։ Հավատա՛։ Իսկ եթե կրակողը Ագուստինը լինի, կհետևեմ, որ կրակը ձեր գլխավերևում պահի, բարձր, շատ բարձր։
 +
 +
― Որ այդպես է, էլ ոչինչ չունեմ, ― ասաց Պաբլոն։ Հետո ցածրաձայն ու որպես գաղտնիք՝ ավելացրեց։ ― Բայց ձիերն էլի քիչ են։
 +
 +
Շան որդի, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Մի՞թե կարծում է, որ ես գլխի չեմ ընկել դեռևս առաջին իսկ րոպեից։
 +
 +
― Ես ոտով կգնամ, ― ասաց նա։ ― Ձիերի մասին դու հոգա։
 +
 +
― Չէ՛, քեզ համար ձի կլինի, Ingles, ― ցածրաձայն ասաց Պաբլոն։ ― Բոլորիս համար էլ ձի կլինի։
 +
 +
― Դա արդեն քո գործն է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինձ կարող ես չհաշվել։ Նոր maquina֊յիդ փամփուշտները բավակա՞ն են։
 +
 +
― Այո, ― ասաց Պաբլոն։ Սպանված ձիերի մոտ եղածը լրիվ վերցրել եմ։ Չորս հատ եմ միայն կրակել, փորձելու համար։ Երեկ գիշեր եմ փորձել, սարերում։
 +
 +
― Դե՛, մենք գնացինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Քանի չի լուսացել, պետք է տեղ հասնենք ու դարան մտնենք։
 +
 +
― Բոլորս էլ գնանք արդեն, ― ասաց Պաբլոն։ ― Suerte,<ref>Հաջողություն եմ մաղթում (իսպ․):</ref> Ingles:
 +
 +
Տեսնես էլի ի՞նչ է ծրագրում պոռնկորդին, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Բայց վստահ եմ, դա է, իմ իմացածը։ Դե լավ, դա արդեն իր գործն է։ Փառք աստծո, որ այդ մարդկանց չեմ ճանաչում։
 +
 +
Նա մեկնեց ձեռքն ու ասաց․
 +
 +
― Suerte, Pablo, ― և նրանց ձեռքերը միացան ու սեղմվեցին խավարում։
 +
 +
Երբ Ռոբերտ Ջորդանը մեկնում էր ձեռքը, մտածում էր, որ այնպիսի զգացողություն է ունենալու, որպիսին ունենում է մարդ սողունի կամ կամ բորոտի ձեռք տալիս։ Նա չգիտեր, որ նույնն էլ Պաբլոն է զգում։ Բայց Պաբլոյի ձեռքը մթության մեջ այնպես ամուր ու անկեղծորեն սեղմեց իր ձեռքը, որ ինքը ևս նույնպիսի սեղմումով պատասխանեց նրան։ Նույնիսկ ինչ֊որ հաճելի զգացողություն ունեցավ այդ ձեռքսեղմումից, այդ առավոտվա ամենատարօրինակ զգացողությունը։ Հիմա մենք պիտի է դաշնակիցներ լինենք, մտածեց նա։ Դաշնակիցները միշտ իրար ձեռք են սեղմում։ Դեռ չեմ ասում, որ իրար պարգևատրում են, պաչպչվում, մտածեց նա։ Ուրախ եմ, որ ստիպված չեմ այդ բանն անելու։ Կարծում եմ, որ բոլոր դաշնակիցներն էլ այսպես են։ Նրանք միշտ էլ ատում են իրար au fond:<ref>Խորքում (ֆր․):</ref> Բայց այս Պաբլոն արտասովոր մարդ է։
 +
 +
― Suerte, Պաբլո՛, ― ասաց և ուժեղ սեղմեց այդ տարօրինակ, ամուր, խորհրդավոր ձեռքը։
 +
 +
― Ցավում եմ, որ իրերդ տարա, ― ասաց Պաբլոն։ ― Ուղեղս մթագնել էր։
 +
 +
― Բայց դու բերեցիր այն, ինչի կարիքն ունեինք։
 +
 +
― Կամրջի հարցում հիմա քեզ հետ համաձայն եմ, Ingles, ― ասաց Պաբլոն։ ― Տեսնում եմ, որ հաջող է ավարտվելու։
 +
 +
― Այդ ի՞նչ եք անում։ Maricones եք դարձել, հա՞, ― ասաց հանկարծակի նրանց կողքին հայտնված Պիլարը։ ― Քեզ միայն դա էր պակաս, ― ասաց Պաբլոյին։ ― Գնանք, Ingles, վերջ տուր քո այդ «բարի ճանապարհներիդ», քանի դեռ մնացած դինամիտդ էլ չի գողացել։
 +
 +
― Դու ինձ չես հասկանում, կի՛ն, ― ասաց Պաբլոն։ ― Ingles֊ն ու ես իրար հասկանում ենք։
 +
 +
― Քեզ ոչ ոք չի հասկանում։ Ոչ աստված, ոչ նույնիսկ մայրդ, ― ասաց Պիլարը։ ― Ոչ էլ ես։ Գնանք, Ingles: Հրաժեշտ տուր խուզած գլխիկիդ ու գնանք։ Me cago en tu padre,<ref>Իսպանական հայհոյանք։</ref> բայց սկսում եմ մտածել, որ վախեցել ես ցուլի տեսքից։
 +
 +
― Քո մերը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Դու չունես, որ ես էլ ասեմ, ― ուրախ շշնջաց Պիլարը։ ― Դե գնանք, այնպես եմ ուզում այս գործը շուտ անել ու պրծնել։ Դու էլ գնա հասիր տղաներիդ, ― ասաց Պաբլոյին։ ― Ո՞վ իմանա, թե ինչքան ժամանակ դրանք իրենց որոշումի մեջ կմնան։ Դրանց մեջ մի երկուսը կան, որոնց հետ ես գործ չէի բռնի։ Գնա՛, վերցրո՛ւ ու գնա։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը ուսապարկը գցեց թիկունքին ու գնաց ձիերի կողմը՝ Մարիային գտնելու։
 +
 +
― Մնաս բարով, guapa, ― ասաց նա։ ― Շուտով կտեսնվենք։
 +
 +
Անիրական մի զգացողություն ունեցավ այդ պահին, նրան թվաց, որ սա ինչ֊որ ժամանակ արդեն եղել էր, կարծես գնացքը պատրաստ է շարժվելու, այո՛, հենց գնացքը, և ինքը կանգնել է կառամատույցում։
 +
 +
― Գնաս բարով, Ռոբերտո՛, ― ասաց աղջիկը։ ― Զգույշ կլինես։
 +
 +
― Անպայման, ― ասաց նա։
 +
 +
Կռացավ, որպեսզի համբուրի աղջկան, ուսապարկը սահեց, ընկավ ծոծրակին, և ճակատը բախվեց աղջկա ճակատին։ Եվ նրան թվաց, որ դա էլ է արդեն պատահել։
 +
 +
― Մի՛ լար, ― ասաց ինչ֊որ անճարակ դարձած, և դա ուսապարկի սահել֊ընկնելու պատճառով չէր։
 +
 +
― Չեմ լալիս, ― ասաց նա։ ― Բայց շուտ դարձիր։
 +
 +
― Կրակոցներ որ լսես, չանհանգստանաս։ Կրակոցներ շատ֊շատ են լինելու։
 +
 +
― Չեմ անհանգստանա։ Բայց շուտ դարձիր։
 +
 +
― Մնաս բարով, guapa, ― ասաց անճարակ ձևով։
 +
 +
― Salud, Ռոբերտո։
 +
 +
Ռոբերտ Ջորդանն իրեն այսքան դեռատի չէր զգացել այն օրից ի վեր, երբ առաջին անգամ գնացքով Ռեդ Լոջից մեկնել էր Բելինգ, որպեսզի այնտեղից էլ մի ուրիշ գնացքով գնա դպրոց՝ ուսման։ Վախենում էր գնալ և չէր ուզում ոչ ոք իմանա, որ ինքը գնում է ուսանելու։ Երբ կառամատույցում ուղեկցորդն իր ճամպրուկը բարձրացրեց և ինքն էլ պատրաստվում էր ոտքը դնելու վագոնի աստիճանին, հայրը համբուրեց իրեն ու ասաց․ «Թող աստված մեզ պահապան լինի մեր բաժանության օրերին»։ Հայրը շատ հավատացյալ մարդ էր և այդ խոսքերն ասաց պարզ ու անկեղծորեն։ Բայց նրա բեղերը թրջվել էին, աչքերն արտասվակալել, և Ռոբերտ Ջորդանն այնպես հուզվեց արցունքների միջով ասված այդ ջերմեռանդ խոսքերից, հրաժեշտի ողջագուրանքից, որ հանկարծ հորից ավելի տարեց զգաց իրեն և անհուն կարեկցանքով լցվեց նրա հանդեպ։
 +
 +
Գնացքի շարժվելուց հետո կանգնել էր վագոնի ետևի հարթակին ու նայում էր կայարանին, ջրմուղ աշտարակին, որն հետզհետե փոքրանում էր, փոքրանում, նայում էր փայտակոճերով հատվող երկաթյա գծերին, որոնք միանում էին մի կետում՝ փոքրիկ կայարանի բարալիկ ջրմուղ աշտարակի մոտ, և գնացքի համաչափ տկտկոցի հետ տանում էին իրեն հեռու֊հեռու։
 +
 +
Հարթակին կանգնած արգելակողն ասել էր՝ «Երևում է հորդ համար դժվար է քեզնից բաժանվելը, Բոբ»։ «Այո», պատասխանել էր ինքը՝ նայելով գծերի և փոշոտ ճանապարհի արանքում փռված օշինդրի թփիկներին, որոնց մեջ հեռագրասյուներն էին բարձրանում։ Նայում էր ու սպասում, որ հիմա, ուր որ է, արոր հավը դուրս կթռչի խոտերի միջից։
 +
 +
«Սրտո՞վդ է դպրոց գնալը»։ «Այո», պատասխանել էր ինքը և ճիշտ էր ասել։ Քիչ առաջվա համար այդ պատասխանը ճիշտ չէր, բայց հիմա ճիշտ էր, և այս պահին, երբ բաժանվում էր Մարիայից, նորից իրեն ճիշտ այնպես դեռատի զգաց, ինչպես կառամատույցում։ Հիմա դարձյալ այնպես դեռատի էր, այնպես անճարակ և անճարակ ձևով էլ հրաժեշտ էր տալիս, կարծես դպրոցական լիներ, որը դպրոցի դարպասների մոտ հրաժեշտ է տալիս իր հասակակից աղջկան ու չգիտի համբուրի, թե ոչ։ Հետո հասկացավ, հրաժեշտը չէր անճարակության պատճառը։ Հետագա հանդիպման լինել֊չլինելու երկյուղն էր։ Հրաժեշտը մասամբ միայն կարող էր այս անճարակության պատճառ լինել, միայն այնքանով, որ հիշեցնում էր ապագա հանդիպման մասին։
 +
 +
Դարձյալ ետ֊ետ ես գնում, ասաց ինքն իրեն։ Բայց ես կարծում եմ, որ չի գտնվի և ոչ մի մարդ, որն այս բանն անելիս իրեն չափից ավելի դեռատի չզգա։ Բանի անունը չտվեց։ Դե լավ, ասաց ինքն իրեն։ Դե լավ։
 +
 +
― Մնաս բարով, guapa, ― ասաց աղջկան։ ― Մնաս բարով, նապաստա՛կ։
 +
 +
― Գնաս բարով, իմ Ռոբերտո, ― ասաց աղջիկը, և Ռոբերտ Ջորդանը մոտեցավ Անսելմոյին ու Ագուստինին և ասաց․
 +
 +
― Vamonos.
 +
 +
Անսելմոն իր ծանր ուսապարկը գցեց շալակը։ Քարայրից դուրս գալուց հետո Ագուստինն իր բեռը ցած չէր դրել։ Հիմա նա հենվել էր մի ծառի, իսկ շալակի բեռան վրայից ցցվել էր գնդացրի փողը։
 +
 +
― Լավ, ― ասաց Ագուստինը։ ― Vamonos: ― Սարալանջով շարժվեցին ներքև։
 +
 +
― Buena suerte, դոն Ռոբերտո, ― ասաց Ֆերնանդոն, երբ ծառերի միջով իրար ետևից անցան նրա կողքից։ Ֆերնանդոն մի քանի քայլ այն կողմ պպզած նստել էր, բայց այդ խոսքերը նա արտասանեց մեծագույն արժանապատվությամբ։
 +
 +
― Քեզ ևս, Ֆերնանդո, buena suerte, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Քո բոլոր գործերում, ― ասաց Ագուստինը։
 +
 +
― Շնորհակալություն, դոն Ռոբերտո, ― ասաց Ֆերնանդոն առանց ուշադրություն դարձնելու Ագուստինի խոսքերին։
 +
 +
― Այս մարդը ֆենոմեն է, Ingles, ― շշնջաց Ագուստինը։
 +
 +
― Համաձայն եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Օգնե՞մ քեզ։ Մի ձիաբեռ կլինի շալակիդ։
 +
 +
― Լավ է, բան չկա, ― ասաց Ագուստինը։ ― Բայց ինչ գոհ եմ, որ սկսեցինք։
 +
 +
― Ցածր խոսեք, ― ասաց Անսելմոն։ ― Այստեղից արդեն պետք է քիչ խոսել և ցածրաձայն։
 +
 +
Զգուշորեն փոխելով ոտքերը՝ նրանք իջնում էին սարալանջով՝ առջևից Անսելմոն, հետո Ագուստինը, Ռոբերտ Ջորդանի պարանե ներբանով կոշիկները սահում էին սոճու չոր ասեղնատերևների վրա, նա շատ զգույշ էր քայլում, բայց ոտքն առավ ծառի դուրս ցցված արմատին, ձեռքը գցեց գնդացրի փողին, ծալված եռոտանուն, զգաց մետաղի սառնությունը, հետո սկսեց կողեկող իջնել, կոշիկները սահում էին, ակոսում գետինը, նորից առաջ պարզած ձախ ձեռքը դեմ առավ սոճու խորդուբորդ բնին, փաթաթվեց ծառին և ափի մեջ զգաց կպչուն խեժը, որ վազել էր բնի վրա արված դանակի կտրվածքից։ Անտառապատ թեք սարալանջով նրանք իջան այնտեղ, որտեղից Ռոբերտ Ջորդանն ու անսելմոն առաջին օրը դիտել էին կամուրջը։
 +
 +
Անսելմոն կանգ էր առել մի սոճու տակ, նա մթության մեջ բռնեց Ռոբերտ Ջորդանի թևն ու հազիվ լսելի ձայնով շշնջաց․
 +
 +
― Նայի՛ր։ Կրակարանի մեջ կրակ կա։
 +
 +
Ներքևում լույս էր երևում, Ռոբերտ Ջորդանը գիտեր, որ այդտեղ կամուրջն ու ճանապարհը միանում են իրար։
 +
 +
― Այստեղից էինք դիտում, ― ասաց Անսելմոն։ Նա վերցրեց Ռոբերտ Ջորդանի ձեռքը, տարավ ցած ու հպեց ծառի բնի վրայի թարմ կտրվածքին։ ― Այս նշանը ես արեցի, երբ դու կամուրջն էիր դիտում։ Այստեղ, աջ կողմում էիր ուզում դնել maquina֊ն։
 +
 +
― Այստեղ էլ կդնենք։
 +
 +
― Լավ։
 +
 +
Ուսապարկերը դրեցին ծառաբների ետևում և երկուսով գնացին Անսելմոյի ետևից այնտեղ, ուր կիպ իրար կողքի մատղաշ սոճիներ էին բարձրացել։
 +
 +
― Այստեղ է, ― ասաց Անսելմոն։ ― Հենց այստեղ։
 +
 +
― Այստեղից, լույսով, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը՝ պպզած մատղաշ ծառերի ետևում, ― ճանապարհի մի փոքր հատվածն է երևում, կամրջին միացող մասը։ Կամուրջը լրիվ ետևում է, այն կողմի ճանապարհի մի մասը նույնպես, մինչև կեռմանը։
 +
 +
Ագուստինը ոչինչ չասաց։
 +
 +
― Կպառկես այստեղ ու կսպասես մինչև մենք պայթեցումը նախապատրաստենք։ Վերևից լինի, թե ներքևից, ով էլ գա, կկրակես։
 +
 +
― Այդ լույսը ի՞նչ տեղ է, ― հարցրեց Ագուստինը։
 +
 +
― Ժամապահի խցիկն է կամրջի այս գլխին, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Ժամապահներին ո՞վ է վերացնելու։
 +
 +
― Ծերունին և ես, ինչպես արդեն ասել եմ։ Բայց եթե մենք չկարողանանք վերացնել, կկրակես խցիկների վրա, ժամապահների, եթե երևան։
 +
 +
― Այո։ Դու ասել էիր։
 +
 +
― Պայթեցումից հետո, երբ ներքևից Պաբլոյի տղերքն երևան, կսկսես կրակել նրանց գլխավերևով, եթե հետապնդող լինի։ Ասենք լինի չլինի կրակիր, որպեսզի չհետապնդեն։ Հասկացա՞ր։
 +
 +
― Ինչո՞ւ չէ։ Նույնն բանն ես ասում, ինչ երեկ գիշեր։
 +
 +
― Ուրիշ հարց ունե՞ս։
 +
 +
― Ոչ։ Երկու պարկ ունեմ։ Գնամ վերևից հող լցնեմ, այնպես որ փորած տեղը չերևա ու բերեմ այստեղ։
 +
 +
― Բայց այստեղ չփորփրես։ Այնպես պիըի դարան մտնես, ոնց որ երեկ էր, բարձունքում։
 +
 +
― Չեմ փորի։ Մթնով վերևից կբերեմ հողը։ Կտեսնես։ Այնպես կտեղավորեմ պարկերը, որ չնկատվեն։
 +
 +
― Շատ մոտ ես իրենց։ Sabes? Այս սոճուտը լույսով պարզ երևում է ներքևից։
 +
 +
― Մի անհանգստանա, Ingles: Հիմա դու ո՞ւր ես գնում։
 +
 +
― Այս փոքրիկ maquina֊ս վերցնում եմ ու իջնում կամրջի մոտ։ Ծերուկը կանցնի ձորն ու դարան կմտնի մյուս խցիկի մոտ։ Նրա պատուհաններն այն կողմն են նայում։
 +
 +
― Էլ ոչ մի հարց չունեմ, ― ասաց Ագուստինը։ ― Salud, Ingles: Ծխախոտ ունե՞ս։
 +
 +
― Այստեղ ծխել չի կարելի։ Շատ մոտ է։
 +
 +
― Չեմ ծխելու։ Այնքան որ բերանիս լինի։ Հետո կծխենք։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը սիգարետի տուփը տվեց նրան։ Ագուստինը երեք հատ վերցրեց ու խոթեց նախրորդի հարթ կատարով իր գլխարկի առաջամասի ծալքի մեջ։ Եռոտանին բացեց, գնդացիրը տեղավորեց մատղաշ սոճիների արանքում, սկսեց տոպրակները դատարկել ու պարունակությունը դասավորել այնպես, որ ամեն ինչ ձեռքի տակ լինի։
 +
 +
― Nada mas, ― ասաց նա։ ― Լավ, էլ ոչինչ պետք չէ։
 +
 +
Անսելմոն ու Ռոբերտ Ջորդանը թողեցին նրան այդտեղ ու վերադարձան իրենց ուսապարկերի մոտ։
 +
 +
― Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ է ավելի հարմար, որ թողնենք սրանք, ― շշուկով ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Կարծում եմ այստեղ։ Բայց վստա՞հ ես, որ այդ փոքրիկ maquina֊յով կկարողանաս այստեղից խփել ժամապահին։
 +
 +
― Սա հենց այն առաջին օրվա տե՞ղն է։
 +
 +
― Հենց այն ծառն է, ― առանց շրթունքները շարժելու հազիվ լսելի շշնջոցով ասաց Անսելմոն, ոնց որ առաջին օրը։ ― Դանակով նշան եմ արել վրան։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը նորից այնպիսի զգացողություն ունեցավ, որ այս բոլորը եղել են արդեն մի անգամ, բայց սա իսկապես եղել էր, նա կրկնում էր իր հարցերը, և Անսելմոն տալիս էր նույն պատասխանները։ Նույնն էլ Ագուստինի հետ էր, նա իրեն ժամապահների մասին տվել էր մի հարց, որի պատասխանը գիտեր։
 +
 +
― Մոտ է։ Նույնիսկ շատ մոտ, ― շշուկով ասաց նա։ Բայց լույսը մեր ետևից է ընկնում։ Լավ կլինի այստեղ։
 +
 +
― Դե ես անցնեմ ձորն ու դարան մտնեմ մյուս ծայրում, ― ասաց Անսելմոն։ Հետո կանգ առավ։ ― Ների՛ր ինձ, Ingles: Չեմ ուզում, որ սխալ լինի։ Կարող է այնպես չեմ հասկացել, ոնց որ պետք է։
 +
 +
― Ի՞նչը, ― ցածրաձայն հարցրեց նա։
 +
 +
― Կրկնի՛ր, թե ինչ պետք է անեմ։
 +
 +
― Ես որ կրակեցի, դու էլ կկրակես։ Ժամապահիդ սպանելուց հետո կամուրջը կանցնես, կգաս մոտս։ Ուսապարկերը ներքևում կլինեն, ոնց որ ասել եմ, այնպես էլ կսկսես տեղավորել պայթուցիկները։ Ես քեզ ամեն ինչ կասեմ։ Եթե ինձ մի բան պատահի, ինքդ կանես ամեն ինչ, ոնց որ ցույց եմ տվել։ Չաճապարես, կանես ինչպես հարկն է, փայտե սեպերը լավ կմեխես իրենց տեղերն ու նռնակները կկապես դրանց։
 +
 +
― Ամեն ինչ պարզ է, ― ասաց Անսելմոն։ ― Ամեն ինչ հիշում եմ։ Լույսը որ բացվի, լավ պահ մտիր։
 +
 +
― Կրակելուց առաջ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ―  մի քիչ հանգստացիր, որպեսզի չվրիպես։ Մի մտածիր, թե դիմացինդ մարդ է, հաշվիր, որ թիրախ է, de acuerdo:<ref>Այստեղ՝ լա՞վ (իսպ․)։</ref> Նշան կբռնես մի կետի։ Ուղիղ փորին, եթե դեմքով է դեպի քեզ կանգնած։ Եթե թիկունքով է դեպի քեզ՝ մեջքին։ Լսի՛ր, ծերո՛ւկ։ Եթե նստած լինի, իմ կրակելուց հետո միայն կկանգնի, որպեսզի վազի կամ պառկի։ Հենց այդ պահին կրակիր։ Եթե նստած մնա, էլի կրակիր։ Չսպանես։ Բայց չվրիպես։ Դարան կմտնես հիսուն յարդի վրա։ Դե դու որսորդ ես։ Էլ քեզ ի՞նչ ասեմ։
 +
 +
― Կանեմ ոնց որ հրամայում ես, ― ասաց Անսելմոն։
 +
 +
― Այո։ Հրամայում եմ անել այդպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Լավ էր հիշեցի ու որպես հրաման տվեցի հանձնարարությունը, մտածեց նա։ Դա նրան կօգնի, որպեսզի լավ զգա։ Ինչ֊որ չափով անեծքից կխուսափի։ Համենայն դեպս, ես կարծում եմ, որ նա այդպես է մտածում։ Գոնե ինչ֊որ չափով։ Ես մոռացել էի, թե նա ինչ ասաց ինձ սպանության մասին մեր հանդիպման առաջին օրը։
 +
 +
― Հրամայում եմ այդպես անել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հիմա գնա։
 +
 +
― Me voy, ― ասաց Անսելմոն։ ― Ցտեսություն, Ingles:
 +
 +
― Ցտեսություն, ծերո՛ւկ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Հիշեց հորը, երկաթուղային կայարանում, հրաժեշտի արցունքները, այն ժամանակ salud չասաց, ոչ էլ մնաս բարով, հաջողություն, կամ նման բան։
 +
 +
― Հրացանի խողովակը մաքրե՞լ ես, ծերո՛ւկ, ― ասաց շշուկով։ ― Թե չէ գնդակը ճիշտ չի արձակի։
 +
 +
― Քարայրում, ― ասաց Անսելմոն։ ― Բոլորն էլ շամփուրով մաքրել եմ։
 +
 +
― Ուրեմն ցտեսություն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ծերունին պարանե ներբանով կոշիկներն հագին անաղմուկ, մեծ֊մեծ քայլերով գնաց ծառերի միջով։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը պառկեց սոճու ասեղնատերևով պատված գետնին և ականջ դրեց սոճիների ճյուղերի մեջ լուսաբացին պտտվող քամու շրշյունին։ Ավտոմատի պահեստատուփն հանեց ու փակաղակը մի քանի անգամ  ետ ու առաջ տվեց։ Հետո փակաղակը քաշեց, ավտոմատը մթության մեջ շրջեց, փողի ծայրն առավ շրթունքների արանքն ու փչեց յուղահամ, լպրծուն մետաղի անցքի մեջ։ Այնուհետև զենքը դրեց նախաբազկին, փակաղակը դեպի վեր, որպեսզի ասեղնատերև կամ կեղտ չընկնի մեջը, մթության մեջ պահեստատուփից փամփուշտները բթամատով մեկ֊մեկ հանեց ու դրեց գետնին փռած թաշկինակի վրա, հետո ամեն մի փամփուշտը մատների մեջ շուռումուռ տալով նորից մտցրեց իրենց տեղերը։ Պահեստատուփն հիմա նորից էր ծանրացել, տեղադրեց այն ավտոմատի վրա ու լսեց տեղն ընկելու չխկոցը։ Երեսնիվայր պառկեց սոճու բնի ետևը, ― ավտոմատը գցած ձախ նախաբազկին, ― և նայեց ներքևում երևացող լույսին։ Լույսը երբեմն կորչում էր, կռահեց, որ ժամապահն է այդ պահերին կանգնած լինում կրակարանի դիմաց։ Ռոբերտ Ջորդանը այդտեղ պառկել ու սպասում էր լուսաբացին։
 +
 +
 +
==Գլուխ քառասուներկուերորդ==
 +
 +
Այն միջոցին, երբ Պաբլոն սարերից վերադարձել էր քարայր, երբ խումբը սարալանջով իջել էր այնտեղ, ուր թողնելու էին ձիերին, Անդրեսը շատ արագ ընթացքով շարժվել էր դեպի Գոլցի գլխավոր շտաբը։ Մոտոցիկլը դուրս էր եկել Նավասեռադա տանող գլխավոր ճանապարհը, որով բեռնատարներ էին իջնում։ Այնտեղ ստուգման կետ կար։ Գոմեսը ցույց էր տվել փոխգնդապետ Միրանդայի տված անցագիրը, ժամապահը ձեռքի լապտերիկի լույսը գցել էր վրան, ցույց էր տվել կողքի ժամապահին, վերադարձրել էր ու պատվի առել։
 +
 +
― Siga, ― ասել էր նա։ ― Շարունակեք ճանապարհը։ Բայց լույսը հանգցրեք։
 +
 +
Շարժիչը նորից էր հռնդացել։ Անդրեսը կառչել էր առաջին նստարանի ետևի բռնակից, իսկ Գոմեսը բեռնատարների հոսանքում խուսավարելով մոտոցիկլը քշել էր առաջ։ Բեռնատարները գնում էին երկար շարասյուն կազմած, ոչ մեկի լապտերը չէր վառվում։ Դիմացից նույնպես բեռնված մեքենաներ էին գալիս ամպի պես փոշի բարձրացնելով, որն Անդրեսը չէր տեսնում, այլ միայն զգում էր դեմքին ու ատամների տակ։
 +
 +
Հիմա գնում էին մի բեռնատարի պոչին կպած, Գոմեսն արագությունն ավելացրեց, մոտոցիկլը փնչացրեց ու առաջ անցան այդ մեքենայից, հետո մեկ ուրիշից, էլի, էլի, իսկ հանդիպակաց բեռնատարները մռնչալով անցնում էին իրենց ձախ կողմով։ Իրենց ետևից մարդատար մի ավտոմեքենա էր գալիս, որն իր անդադրում ձայնազդանշանի ծվծվոցը խառնել էր բեռնատարների աղմուկին, փոշուն, հետո էլ ցոլարձակ լապտերները միացրեց, լուսավորեց բարձրացած փոշու դեղին ամպը, արագությունն ավելացրեց և ձայնազդանշանի համառ պահանջկոտ, սպառնագին, գանահարող ճչոցով եկավ ու անցավ կողքներով։
 +
 +
Հետո առջևում բեռնատարները կանգ առան, և Գոմեսը խուսավարելով սանիտարական, շտաբային մեքենաների, զրահապատների և դարձյալ ցցված ու փոշոտ հրանոթներով ու ծանր, մետաղակուռ կրիաների նմանվող զրահապատների արանքներով քշեց մոտոցիկլը մինչև հաջորդ ստուգման կետը, որտեղ վթար էր տեղի ունեցել։ Մի բեռնատար կանգ էր առել, ետևից եկողը չէր նկատել ու բախվել էր և ջարդել առաջինի թափքի կողը, բարձված արկղերը թափվել էին ճանապարհի վրա։ Արկղերից մեկը փշրվել էր, երբ Գոմեսն ու Անդրեսը իջան և մոտոցիկլը քաշ տալով գնացին դեպի ստուգման կետը, որպեսզի ցույց տան անցագիրը, Անդրեսը քայլում էր հող ու փոշու մեջ սփռված հազարավոր փամփուշտների վրայով։ Երկրորդ բեռնատարի ռադիատորն էր ճզմվել։ Երրորդն եկել ու թեթև դեմ էր առել երկրորդի պոչին։ Ետևից եկող տասնյակ մեքենաներ կպել էին իրար պոչի, շարասյան կողքով ետ ու առաջ վազող երկարաճիտ սապոգներով մի սպա գոռգոռալով ասում էր վարորդներին, որ մեքենաները ետ չտան, սպասեն, մինչև որ ջարդված բեռնատարները մի կողմի վրա քաշեն։
 +
 +
Բեռնատարները շատ֊շատ էին, նրանք կարող էին ետ տալ միայն այն ժամանակ, երբ սպան հասներ վերջին մեքենային և հասկացներ, որ շարասյան կողքով առաջ շարժվեին, Անդրեսը տեսավ, որ սպան լապտերիկը ձեռքին վազում է, գոռում ու հայհոյում մթության մեջ, որպեսզի բեռնատարները կանգ առնեն։
 +
 +
Ստուգման կետի ժամապահը անցագիրը ետ չէր տալիս։ Երկուսն էին այդտեղ, երկուսն էլ հրացանով ու ձեռքի լապտերիկով, նրանք նույնպես գոռգոռում էին։ Նա, ում ձեռքին էր անցագիրը, անցավ ճանապարհի մյուս կողմը, որպեսզի ներքև գնացող բեռնատարի վարորդին ասի, որ մյուս ստուգման կետում մեքենաները պահեն՝ մինչև այս խառնաշփոթը կարգավորվի։ Բեռնատարի վարորդը լսեց ու շարունակեց ճամփան։ Հետո անցագիրը տակավին ձեռքին, մոտեցավ բեռը թափված մեքենայի վարորդին ու գոռգոռալով ասաց․
 +
 +
― Թո՛ղ, աստծու սիրույն, և գնա՛, որպեսզի մաքրվի ճանապարհը։
 +
 +
― Հաղորդակս փչացել է, ― ասաց վարորդը՝ կռացած նայելով մեքենայի ետևի մասը։
 +
 +
― Հաղորդակիդ էլ, քեզ էլ։ Քշի՛ր, ասացի։
 +
 +
― Փչացած դիֆերենցիալով չես քշի, ― ասաց վարորդը և նորից կռացավ։
 +
 +
― Դե թող մեկնումեկը քաշի քեզ, որ պրծնենք այս մուռտառությունից։
 +
 +
Վարորդը խոժոռ նայեց ժամապահին, որը լապտերիկի լույսը գցել էր մեքենայի խփված ետնամասին։
 +
 +
― Քշի՛ր։ Քշի՛ր, ― գոռաց, անցագիրը դեռևս ձեռքին պահած ժամապահը։
 +
 +
― Փաստաթղթերս, ― ասաց Գոմեսը։ ― Անցագիրս։ Ախր մենք շտապում ենք։
 +
 +
― Վերցրո՛ւ։ Գրողի ծոցը, ― ասաց, մեկնեց փաստաթղթերն ու վազեց, որ կանգնեցի ներքևից եկող բեռնատարը։
 +
 +
― Գնա խաչմերուկում շուռ արի ու քաշիր֊տար այս մեքենան, ― ասաց վարորդին։
 +
 +
― Ինձ կարգադրված է․․․
 +
 +
― Ես քո կարգադրության․․․ Արա ոնց որ ասում եմ։ ― Վարորդը մեքենան շարժեց ու գնաց՝ ետևից փոշի բարձրացնելով։
 +
 +
Գոմեսը մոտոցիկլը հանեց ջարդված մեքենայի ետևից, տարավ ճանապարհի հիմա արդեն ազատ աջ կողմը, Անդրեսը նստեց, ամուր կառչեց բռնակից, նայեց, տեսավ, թե ինչպես ժամապահը կանգնեցրել էր մի նոր մեքենա ու գլուխը խցիկից դուրս հանած վարորդին ինչ֊որ բան էր ասում։
 +
 +
Հիմա նրանք արագ գնում էին ճանապարհով, որը վեր, միշտ վեր էր տանում՝ դեպի լեռները։ Վերև գնացող ավտոշարասյունը կանգնել֊մնացել էր ստուգման կետում, միայն վերևից էին մեքենաներ գալիս, և մոտոցիկլի ձախ կողմով սլանում֊գնում էին ցած, մինչև մոտոցիկլը արագ ու համաչափ ընթացքով բարձրանում էր լեռնային ճանապարհով և շուտով հասավ վթարից առաջ ստուգման կետն անցած ավտոշարասյանը։
 +
 +
Լույսերը դեռևս հանգցրած՝ առաջ անցան նախ չորս զրահապատից, հետո զինվորներով բեռնավորված մեքենաների շարասյունից։ Զինվորները լուռ նստել էին մթության մեջ, Անդրեսն սկզբում իր գլխավերևում, փոշու մեջ, թափքերի վրա խռնված մարմինների սոսկ ներկայությունն զգաց։ Հետո, երբ ետևից եկող շտաբի մի ուրիշ մեքենա, որն անընդհատ ձայնային ազդանշաններ էր տալիս, ցոլարձակ լապտերի լույսը գցեց բեռնատարի վրա, նա որոշակիորեն տեսավ զինվորներին՝ պողպատյա սաղավարտներով, հրացաններն ուսերին, տեսավ գնդացիրները փողերը, որ դեպի երկինք էին ուղղված և պարզ երևում էին գիշերվա խավարում, որը նորից կուլ էր տալիս ամեն ինչ, հենց որ մեքենաների լապտերներն հանգում էին։ Մի պահ, երբ նորից էին մեքենաներին բեռնված զինվորներ անցնում, լույսն ընկավ նրանց վրա, և Անդրեսը նկատեց, որ նրանց դեմքերը քարացած էին ու տխուր։ Զինվորները պողպատյա սաղավարտներով էին, խավարի միջով, բեռնատարների թափքերին նստած նրանք գնում էին այնտեղ, որտեղից, այդքան միայն գիտեին, հարձակում է սկսվելու, յուրաքանչյուրի դեմքին երևում էին այն խոհերը, որ մարդիկ ամաչելով թաքցնում են ցերեկը, ու դրանք չեն երևում մինչև ռմբակոծությունն ու հարձակման սկիզբը, այն պահը, երբ դեմքի մասին ոչ մեկն այլևս չի մտածում։
 +
 +
Անդրեսը, նստած մոտոցիկլին, որը Գոմեսը քշում էր շտաբի մեքենայի ետևով, հայացքը մի բեռնատարից մյուսին էր տեղափոխում և նման մտքեր չէին, որ ծագում էին նրա գլխում զինվորների դեմքերին նայելիս։ «Ա՛յ թե բանակ է, ― մտածում էր նա։ ― Ինչպիսի հանդերձանք։ Ինչպիսի՜ մեխանիզացիա։ Vaya gente: Նայի՛ր ինչ մարդիկ են։ Ահա Հանրապետության բանակը։ Նայի՛ր նրանց։ Բեռնատար բեռնատարի ետևից։ Բոլորը միատեսակ համազգեստով։ Բոլորի գլխին պողպատյա սաղավարտ։ Նայի՛ր բեռնատարների վրայի ինքնաթիռներին ուղղված maguina֊ներին։ Նայի՛ր ինչ բանակ է ստեղծվել»։
 +
 +
Եվ երբ մոտոցիկլը առաջ էր անցնում զինվորներով բեռնված բարձր, գորշ բեռնատարներից, առաջ էր անցնում քառակուսի բարձր խցիկներով և քառակուսի այլանդակ ռադիատորներով գորշ բեռնատարներից, երբ համաչափ ընթացքով բարձրանում էր փոշու միջով և ետևից եկող շտաբի մեքենայի փախչող լույսի տակ երևում էին բեռնատարների թափքերի ետևին ու կողերին գծված բանակի կարմիր աստղերը, և երբ մոտոցիկլը սկսեց հաղթահարել զառիթափն ու օդը ցրտեց և ճանապարհի ոլորանները շատացան, երբ բեռնատարներն սկսեցին փնչացնել ու ճռճռալ, և մի քանի ռադիատորների վրա շտաբի մեքենայից ընկնող լույսի տակ գոլորշի երևաց, երբ մոտոցիկլը նույնպես սկեց փնչացնել, Անդրեսը, ամուր կառչաց իր առջևի բռնակից, մտածեց, որ այս ճանապարհորդությունը մոտոցիկլով mucho, mucho է։ Մինչ այդ նա երբեք մոտոցիկլով տեղ չէր գնացել, իսկ հիմա հարձակման վայրը գնացող մեքենաների արանքներով երբ բարձրանում էին սարն ի վեր, նա հասկացավ, որ երբեք չի կարողանա հասցնել վերադառնալ ու մասնակցել պահակակետերի վրա կատարվելիք հարձակման։ Մեքենաների այսպիսի երթևեկության ու իրարանցման պայմաններում եթե հաջողվեց նույնիսկ վաղը երեկոյան վերադառնալ, էլի մեծ հաջողություն է։ Նա մինչև օրս երբեք ոչ մի հարձակում կամ հարձակման նախապատրաստություն չէր տեսել, և հիմա, երբ գնում էին ճանապարհով, նա հիացած նայում էր ու մտածում, թե այս ինչ մեծ ու հզոր բանակ է ստեղծել Հանրապետությունը։
 +
 +
Հիմա նրանք անցնում էին ճանապարհի մի երկար հատված, որը տանում էր դեպի լեռան բարձունքը, զառիթափն այնքան շեշտակի դարձավ, որ Գոմեսն առաջարկեց իջնել մոտոցիկլից և հրելով բարձրանալ վերջին հատվածը։ Լեռան կատարի հենց ետևը ճանապարհը թեքվում էր ձախ, մեքենաները կարող էին այդտեղ շրջադարձ անել, այդտեղ՝ երկնքի ֆոնի վրա խավարում ծառացած մեծ ու երկար քարե շենքի պատուհաններում, լույսեր երևացին։
 +
 +
― Գնանք հարցնեք, թե որտեղ է շտաբը, ― ասաց Գոմեսն Անդրեսին ու մոտոցիկլը տարավ դեպի քարի շենքի մուտքի մոտ, որտեղ երկու ժամապահ էին կանգնած։ Գոմեսը մոտոցիկլը հենեց պատին, այդ պահին դուռը բացվեց, լույսի մեջ երևաց կաշվե բաճկոնով մի մոտոցիկլիստ՝ ուսից սուրհանդակի պայուսակը կախած, կողքին փայտե պատյանով մաուզեր ատրճանակ։ Դուռը փակվեց, նա մթության մեջ գնաց գտավ իր մոտոցիկլը, հրելով տարավ՝ մինչև որ շարժիչն աշխատեց, և մեքենան ոռնոցով գնաց ճանապարհն ի վեր։
 +
 +
Գոմեսը դիմեց դռան մոտ կանգնած ժամապահներից մեկին․
 +
 +
― Կապիտան Գոմես, վաթսունհինգերորդ բրիգադից, ― ասաց նա։ ― Դուք կարո՞ղ եք ինձ ասել, թե որտեղ է գտնվում Երեսունհինգերորդ դիվիզիայի հրամանատար գեներալ Գոլցի շտաբը։
 +
 +
― Այստեղ չէ, ― ասաց ժամապահը։
 +
 +
― Իսկ ի՞նչ է այստեղ։
 +
 +
― Comandanica֊ն։
 +
 +
― Ի՞նչ comandanica:
 +
 +
― Դե comandanica:
 +
 +
― Ինչի՞ comandanica:
 +
 +
― Դու ո՞վ ես, որ ինձ այդքան հարց ես տալիս, ― ասաց ժամապահը Գոմեսին մթության մեջ։ Այստեղ, սարի կատարին, երկինքը շատ մաքուր էր, աստղալից, և Անդրեսը ճանապարհի այդ փոշուց հետո, հիմա պարզ տեսնում էր ամեն ինչ։ Ներքևում, որտեղ ճանապարհը թեքվում էր դեպի աջ, նա տեսնում էր երկնքի ֆոնի վրա պատկերվող բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների ուրվագծերը։
 +
 +
― Ես կապիտան Ռոխելիո Գոմեսն եմ, Վաթսունհինգերորդ բրիգադի առաջին գումարտակից և հարցնում եմ որտե՞ղ է գեներալ Գոլցի շտաբը, ― ասաց Գոմեսը։ Ժամապահը դուռը մի փոքր բացեց ու գոռաց․
 +
 +
― Կապրալին կանչեք։
 +
 +
Հենց այդ պահին ճանապարհից շտաբի մի ավտոմեքենա շրջվեց և եկավ կանգ առավ քարե շենքի դռան մոտ, որտեղ Անդրեսն ու Գոմեսը ժամապահի կողքին կանգնած սպասում էին կապրալին։
 +
 +
Մեքենայից բարձրահասակ, տարիքն արդեն առած ու գեր մի մարդ դուրս եկավ, գլխին խակի գույնի չափազանց մեծ մի բերետ կար, այնպիսին, որը հագնում են ֆրանսիական բանակի հետևակային զորամասերի զինվորները, ձեռքին՝ պլանշետ, վերարկուի վրայից կապված գոտուց կախված էր ատրճանակը։ Նրան ուղեկցում էին Ինտերնացիոնալ բրիգադի համազգեստով երկու սպա։
 +
 +
Նա խոսում էր ֆրանսերեն, Անդրեսը ոչինչ չէր հասկանում։ Գոմեսը, որը սափրիչ էր եղել, մի քանի բառ գիտեր։ Բարձրահասակ մարդը վարորդին ասում էր, որ մեքենան դռան մոտից քշի և տանի կանգնեցնի ծածկի տակ։
 +
 +
Երբ երկու սպաների ուղեկցությամբ նա եկավ դեպի դուռը, Գոմեսը լույսի տակ պարզ տեսավ նրա դեմքն ու ճանաչեց։ Նրան տեսել էր միտինգներում, Mundo obrero֊յում կարդացել էր ֆրանսերենից թարգմանված նրա հոդվածները։ Ճանաչեց նրա թավ հոնքերը, մոխրագույն խոնավ աչքերը, դա Ֆրանսիայի մերօրյա հեղափոխական սերնդի մեծագույն դեմքերից մեկն էր, նա էր ապստամբության հանել ֆրանսիական սևծովյան նավատորմի նավաստիներին։ Գոմեսը գիտեր, որ այս մարդը շատ բարձր քաղաքական դիրք է գրավում Ինտերնացիոնալ բրիգադներում և հաստատ կիմանա, թե որտեղ է Գոլցի շտաբն ու իրենց կուղարկի այնտեղ։ Գոմեսը չգիտեր, թե ժամանակներն ինչպես էին փոխել այս մարդուն, թե ինչպիսի հիասթափություն էր ապրում նա, ինչքան էր անձնական ու քաղաքական կյանքից դժգոհ և ինչպիսի անհագ փառասիրությամբ էր տառապում, նա չգիտեր, որ ավելի վտանգավոր բան չի կարող լինել, քան այս մարդուն որևէ հարցով դիմելը։ Գոմեսը չիմանալով այս ամենը, գնաց նրան ընդառաջ, պատվի առավ սեղմած բռունցքով և ասաց․
 +
 +
― Ընկեր Մարտի, մենք զեկուցագիր ենք բերել գեներալ Գոլցին։ Դուք կարո՞ղ եք մեզ ասել, թե որտեղ է նրա շտաբը։ Շատ շտապ է։
 +
 +
Բարձրահասակ, տարիքն առած գեր մարդը շրջեց գլուխը, խոնավ աչքերը հառած ուշադիր նայեց Գոմեսին։ Նույնիսկ այստեղ, ռազմաճակատում, էլեկտրական լամպի պայծառ լույսի տակ, գիշերային զովաշունչ օդում բաց մեքենայով ճանապարհներում լինելուց հետո, նրա գորշ դեմքը մեռելային տեսք ուներ, կարծես կերտված լիներ ծեր, շատ ծեր առյուծի ճիրանների տակի մեռած հյուսվածքներից։
 +
 +
― Ի՞նչ կա, ընկեր, ― հարցրեց Գոմեսին իսպաներեն՝ կատալոնյան ընդգծված առոգանությամբ։ Նրա հայացքը սահեց Անդրեսի վրա, հետո նորից ուղղվեց Գոմեսին։
 +
 +
― Զեկուցագիր ենք բերել, պետք է հանձնել գեներալ Գոլցի շտաբին, ընկեր Մարտի։
 +
 +
― Որտեղի՞ց է, ընկեր։
 +
 +
― Ֆաշիստների թիկունքից, ― ասաց Գոմեսը։
 +
 +
Անդրե Մարտին ձեռքը մեկնեց, վերցրեց զեկուցագիրն ու մյուս փաստաթղթերը, մի հայացք գցեց վրան ու դրեց գրպանը։
 +
 +
― Երկուսին էլ ձերբակալի՛ր, ― ասաց պահակախմբի կապրալին։ ― Խուզարկի՛ր, կբերես, երբ որ ասեմ։
 +
 +
Զեկուցագիրը գրպանում նա մտավ քարե շենքը։
 +
 +
Գոմեսին ու Անդրեսին տարան պահակասենյակ ու սկսեցին խուզարկել։
 +
 +
― Այդ ի՞նչ եղավ այդ մարդուն, ― հարցրեց Գոմեսը ժամապահներից մեկին։
 +
 +
― Esta loco, ― ասաց ժամապահը։ ― Խելագար է։
 +
 +
― Ո՞նց թե։ Դա քաղաքական նշանավոր դեմք է, ― ասաց Գոմեսը։ ― Ինտերնացիոնալ բրիգադների գլխավոր կոմիսարն է։
 +
 +
― Apesar de eso, esta loco, ― ասաց պահակախմբի կապրալը։ ― Միևնույն է, խելագար է։ Ի՞նչ եք անում ֆաշիստների թիկունքում։
 +
 +
― Այս ընկերը պարտիզան է, այնտեղից է, ― ասաց Գոմեսը, մինչ ժամապահը խուզարկում էր նրան։ ― Զեկուցագիր է բերել գեներալ Գոլցին։ Փաստաթղթերս լավ պահիր։ Տե՛ս, չկորցնես փողերս, այս բեկորն էլ։ Առաջին անգամ դրանով եմ վիրավորվել։ Գվադամառայում։
 +
 +
― Մի՛ անհանգստանա, ― ասաց կապրալը։ ― Դնում եմ այս դարակի մեջ։ Ինչո՞ւ ինձ չհարցրիք, թե որտեղ է Գոլցը։
 +
 +
― Ուզում էի։ Ժամապահին հարցրեցի, նա քեզ կանչեց։
 +
 +
― Բայց այդ պահին խելագարը վրա եկավ ու դու նրան հարցրեցիր։ Նրան երբեք ոչ մի բան պետք չէ հարցնել։ Խելագար է։ Քո Գոլցը այստեղից երեք կիլոմետր վերև է, գնում ես ուղիղ, հետո թեքվում ես աջ, անտառում ժայռի տակ։
 +
 +
― Հիմա չե՞ս կարող թողնել մեզ, գնանք։
 +
 +
― Չէ։ Ուզում ես գլխո՞վս պատասխան տամ։ Ես ձեզ պետք է տանեմ խելագարի մոտ։ Բացի այդ, զեկուցագիրը մոտն է, չէ՞։
 +
 +
― Որևէ մեկին չե՞ս կարող ասել։
 +
 +
― Կարող եմ, ― ասաց կապրալը։ ― Ղեկավարներից ում առաջինը տեսնեմ, նրան էլ կասեմ։ Բոլորն էլ գիտեն, որ նա խելագար է։
 +
 +
― Ես դրան միշտ էլ մեծ մարդ էի կարծում, ― ասաց Գոմեսը։ ― Ես դրան համարում էի Ֆրանսիայի պարծանքը։
 +
 +
― Գուցե պարծանք էլ է, ուրիշ բան էլ, ― ասաց կապրալն ու ձեռքը դրեց Անդրեսի ուսին, ― բայց խելագար է, կապելու է։ Գնդակահարելու մոլուցք ունի։
 +
 +
― Իսկապե՞ս գնդակահարում է։
 +
 +
― Como lo oyes,<ref>Ինչպես լսեցիր (իսպ․)։</ref> ― ասաց կապրալը։ ― Այդ ծերուկը ավելի շատ է մարդ սպանում, քան բուբոնյան ժանտախտը։ Mata mas que la peste bubonica: Բայց նա ֆաշիստներին չի սպանում, ոնց որ մենք ենք անում։ Que va: Չեմ կատակում։ Mata bichos raros: Հազվագյուտ բաներ է սպանում։ Տրոցկիստներ։ Ուկլոնիստներ։ Հազվագյուտ գազաններ։
 +
 +
Անդրեսն այս բանից ոչինչ չէր հասկանում։
 +
 +
― Երբ Էսկորիայում էինք, չգիտեմ էլ, թե ինչքան մարդ գնդակահարեցինք սրա հրամանով, ― ասաց կապրալը։ ― Մեզ են միշտ ուղարկում գնդակահարելու։ Բրիգադների զինվորները հրաժարվում են իրենց ընկերների վրա կրակելուց։ Հատկապես ֆրանսիացիները։ Անախորժություններից խուսափելու համար մեզ են ուղարկում։ Գնդակահարել ենք ֆրանսիացիների։ Բելգիացիների։ Գնդակահարել ենք տարբեր ազգերի մարդկանց։ Ինչ տիպի ասես։ Tiene mania de fusilar gente:<ref>Մարդկանց գնդակահարելու մորլուցք ունի (իսպ․):</ref> Եվ բոլորին էլ քաղաքական բաների համար։ Խելագար է։ Purifica mas el Salvarsan: Այնպես մաքրեց՝ սալվարսանից էլ լավ։
 +
 +
― Ասելո՞ւ ես որևէ մեկին զեկուցագրի մասին։
 +
 +
― Իհարկե, բարեկամս։ Անպայման։ Ես այս երկու բրիգադի բոլոր մարդկանց ճանաչում եմ։ Ես նույնիսկ ռուսներին եմ ճանաչում, բայց նրանցից քչերն են իսպաներեն խոսում։ Մենք չենք թողնի, որ այդ խելագարը իսպանացիներին գնդակահարի։
 +
 +
― Իսկ զեկուցագի՞րը։
 +
 +
― Զեկուցագիրն էլ կվերցնենք։ Մի՛ անհանգստանա, ընկե՛ր։ Նա իր մարդկանց համար է միայն վտանգավոր։ Մենք նրան արդեն հասկացել ենք։
 +
 +
― Ներս բերեք կալանավորներին, ― լսվեց Անդրե Մարտիի ձայնը։
 +
 +
― Querels echar un trago, ― հարցրեց կապրալը։ ― Ուզո՞ւմ ես մի բան խմել։
 +
 +
― Ինչո՞ւ չէ։
 +
 +
Կապրալը պահարանից հանեց անիսոնով օղու շիշը, Գոմեսն ու Անդրեսը խմեցին։ Կապրալը նույնպես խմեց ու սրբեց բերանը։
 +
 +
― Vamonos, ― ասաց։
 +
 +
Պահակասենյակից դուրս եկան, անիսոնով օղին տաքացրել էր ամեն ինչ՝ և՛ բերան, և՛ որովայն, և՛ սիրտ։ Անցան սրահն ու մտան Մարտիի սենյակը։ Նա նստել էր սեղանի ետևը, քարտեզը փռել էր առաջը և կարմիր֊կապույտ մատիտը պահած ձեռքի մեջ զորավար էր խաղում։ Անդրեսի համար սա միայն մի բան էր նշանակում՝ ևս մի խոչընդոտ։ Չափից շատ խոչընդոտներ եղան այս գիշեր։ Միշտ էլ շատ են եղել։ Եթե փաստաթղթերդ կարգին են ու մաքուր սրտով ես եկել, վտանգավոր բան չկա։ Վերջիվերջո վերադարձնում են թղթերդ ու շարունակում ես ճամփադ։ Բայց Ingles֊ն ասաց, որ պետք է շտապել։ Հիմա նա գիտեր, որ արդեն չի կարողանա գնալ֊հասնել կամրջի կռվին, բայց գոնե զեկուցագիրը տեղ հասցնի, այնինչ սեղանի ետևում նստած ծերուկը վերցրել ու դրել էր գրպանը։
 +
 +
― Կանգնե՛ք այդտեղ, ― ասաց Մարտին առանց նրանց նայելու։
 +
 +
― Լսե՛ք, ընկեր Մարտի, ― պոռթկաց Գոմեսը անիսոնի օղու ազդեցության տակ ավելի կատաղած։ ― Մենք այս գիշեր արդեն մի անգամ լավ ուշացել ենք անարխիստների տգիտության պատճառով։ Երկրորդ անգամ ֆաշիստ բյուրոկրատի ծուլության։ Հիմա էլ, ահա, կոմունիստի կասկածամտության։
 +
 +
― Բերանդ փակի՛ր, ― ասաց Մարտին առանց հայացքը բարձրացնելու։ ― Միտինգի չես։
 +
 +
― Ընկեր Մարտի՛, սա շատ շտապ գործ է, ― ասաց Գոմեսը։ ― Սա շատ կարևոր գործ է։
 +
 +
Կապրալն ու զինվորը, որոնք նրանց հետ էին, մեծ հետաքրքրությամբ դիտում էին այս ամենը, կարծես հանդիսատեսներ լինեին մի ներկայացման, որը բազմիցս տեսել էին, բայց լավ մասերը միշտ էլ կարող էին վերստին վայելել։
 +
 +
― Ամեն ինչ էլ շտապ է, ― ասաց Մարտին։ ― Ամեն ինչ էլ կարևոր է։ ― Հիմա նայում էր նրանց մատիտը պահած ձեռքի մեջ։ ― Ինչպե՞ս իմացաք, որ Գոլցը այստեղ է։ Գիտե՞ք, թե ինչ է նշանակում հարձակմանն անմիջապես նախորդող պահին անվանապես հարցնել գեներալին։ Դուք որտեղի՞ց գիտեք, որ գեներալը այստեղ պիտի լինի։
 +
 +
― Դո՛ւ պատմիր, ― ասաց Գոմեսը Անդրեսին։
 +
 +
― Ընկեր գեներալ, ― սկսեց Անդրեսը։ Անդրե Մարտին չուղղեց Անդրեսին, որը սխալմամբ բարձրացրել էր իր զինվորական աստիճանը։ ― Ինձ այդ ծրարը ռազմագծի այն կողմում տվեցին, որպեսզի․․․
 +
 +
― Ռազմագծի այն կողմո՞ւմ, ― ասաց Մարտին։ ― Այո, նա ասաց, որ դու ֆաշիստների թիկունքից ես եկել։
 +
 +
― Ինձ տվեց, ընկեր գեներալ, մի Ingles, անունը Ռոբերտո, դինամիտավոր է, կամուրջ է պայթեցնելու։ Հասկանո՞ւմ ես։
 +
 +
― Շարունակի՛ր պատմությունդ, ― ասաց Մարտին Անդրեսին, պատմություն բառն օգտագործելով խաբեության, կեղծիքի, հորինվածքի իմաստով։
 +
 +
― Ուրեմն, ընկեր գեներալ, Ingles֊ն ասաց ինձ, որ ծրարը շատ շտապ բերեմ գեներալ Գոլցին։ Նա այսօր այս սարերում հարձակում է սկսելու, խնդրում ենք, ընկեր գեներալ, եթե դժվար չէ ձեզ համար, թույլ տվեք տանենք֊հասցնենք ծրարը։
 +
 +
Մարտին նորից թափ տվեց գլուխը։ Նա նայում էր Անդրեսին, բայց չէր տեսնում նրան։
 +
 +
Գոլցը, մտածում էր նա սարսափի ու հրճվանքի այն խառն զգացումով, որը մարդ ունենում է, երբ լսում է, որ իր մրցակիցը ավտովթարի զոհ է դարձել, կա անձնավորությունը, որին ատում է, բայց որի ազնվությանը երբեք չի կասկածել, խաբեության մեջ է մեղադրվում։ Որ Գոլցը նույնպես դրանցից է։ Որ Գոլցը այսպիսի ակնհայտ կապերի մեջ է ֆաշիստների հետ։ Գոլցը, որին շուրջ քսան տարի է, ինչ ճանաչում է։ Գոլցը, որ Լուկաչի հետ այն ձմռանը ոսկիով բեռնավորված գնացքը գրավեց Սիբիրում։ Գոլցը, որը կռվել է Կոլչակի դեմ, կռվել է Լեհաստանում, Կովկասում, Չինաստանում, հոկտեմբերի մեկից էլ այստեղ է։ Բայց նա Տուխաչևսկու հետ մոտ էր։ Այո, Վորոշիլովի հետ էլ։ Բայց Տուխաչևսկու։ Ուրիշ ո՞ւմ հետ։ Այստեղ, անշուշտ, Կարկովի։ Եվ Լուկաչի։ Դե հունգարացիները բոլորն էլ քսու տիպեր են։ Գալին ատում էր։ Գոլցը ատում էր Գալին։ Բայց Փուցին լավ է վերաբերվել։ Հիշի՛ր դա։ Եվ Դյուվալը նրա շտաբի պետն է։ Տես, թե ինչ է դուրս գալիս։ Հիշում ես, չէ՞, ոնց Կոպիկին հիմար անվանեց։ Պարզ է։ Փաստ է։ Հիմա էլ, ահա, զեկուցագիր։ Ֆաշիստների թիկունքից։ Չէ, փտած ճյուղերը պիտի էտես, որպեսզի ծառը առողջ մնա ու աճի։ Փտածը պետք է ակնհայտ դառնա, որպեսզի ոչնչացվի։ Այս էլ քեզ Գոլցը։ Ուրեմն Գոլցն էլ դավաճան պիտի դառնար։ Չէ, ոչ մեկին չպիտի վստահես։ Ոչ մեկին։ Երբեք։ Ոչ իսկ կնոջդ։ Ոչ իսկ եղբորդ։ Ոչ իսկ ամենահին ընկերոջդ։ Ոչ մեկին։ Եբրեք։
 +
 +
― Տարե՛ք դրանց, ― ասաց ժամապահներին։ ― Ուշադիր հսկեք։ ― Կապրալը նայեց զինվորին։ Մարտիի այս անգամվա ներկայացումը աշխույժ չէր։
 +
 +
― Ընկեր Մարտի, ― ասաց Գոմեսը։ ― Խելքներդ մի՛ թռցնեք։ Լսե՛ք ինձ՝ օրինապահ սպայիս, ընկերոջը։ Այս զեկուցագիրը պետք է հանձնել։ Այս ընկերը ֆաշիստական գիծն անցել է, որպեսզի բերի֊հանձնի ընկեր գեներալ Գոլցին։
 +
 +
― Տարե՛ք դրանց, ― հիմա արդեն մեղմ ասաց Մարտին պահակներին։ Որպես մարդկային էակների նա խղճում էր նրանց, գուցև անհրաժեշտ լինի վերացնել։ Բայց նրան ճնշում էր Գոլցի ողբերգությունը։ Ուրեմն Գոլցն էլ այսպես, մտածում էր նա։ Ֆաշիստների այս զեկուցագիրը հիմա ևեթ պետք է ցույց տալ Վառլովին։ Ոչ, ավելի լավ է տանի անձամբ Գոլցին և տեսնի, թե նա ինչպես է ընդունելու դա։ Այդպես էլ կանի։ Վառլովին ինչո՞ւ պետք է վստահի, Գոլցը նրա հետ էլ մոտ է եղել։ Ո՛չ։ Այս գործի մեջ շատ զգույշ պետք է լինել։
 +
 +
Անդրեսը դարձավ Գոմեսին․
 +
 +
― Ի՞նչ է, չի՞ ուզում զեկուցագիրն ուղարկել, ― հարցրեց։ Նա չէր կարողանում հավատալ դրան։
 +
 +
― Չե՞ս տեսնում, ― ասաց Գոմեսը։
 +
 +
― Me cago en su puta madre, ― ասաց Անդրեսը։ ― Esta loco:
 +
 +
― Այո, ― ասաց Գոմեսը։ ― Խելագար է։ Խելագար ես։ Լսո՞ւմ ես։ Խելագա՛ր, ― գոռալով ասաց Մարտիին, որը կարմիր֊կապույտ մատիտը ձեռքին հակվել էր քարտեզի վրա։ ― Լսո՞ւմ ես, խելագար մարդասպա՛ն։
 +
 +
― Տարե՛ք դրանց, ― ասաց Մարտին պահակին։ ― Խելքները թռցրեցին, երբ հասկացան, թե ինչ մեծ հանցանք են գործել։
 +
 +
Այդ նախադասությունը ծանոթ էր կապրալին։ Առաջ էլ էր լսել։
 +
 +
― Խելագար մարդասպան, ― գոռաց Գոմեսը։
 +
 +
― Hijo de la gran puta, ― ասաց Անդրեսը նրան։ ― Loco:
 +
 +
Այդ մարդու բթությունը կատաղեցրել էր նրան։ Թե խելագար է, թող տանեն խելագարների մոտ։ Թող զեկուցագիրը հանեն գրպանից։ Գրողի ծոցը այդ խելագարը։ Իսպանական ահավոր կատաղությունը սկսել էր ծառս լինել ու բարձրանալ նրա մեղմ ու բարի բնավորության վրա։ Մի փոքր էլ, և կուրացնելու էր նրան։
 +
 +
Մարտին, որ նայում էր քարտեզին, գլուխը տխուր թափ տվեց, երբ պահակը տարավ Գոմեսին ու Անդրեսին։ Պահակներին բավականություն էր պատճառել այն պահը, երբ նրանք սկսել էին հայհոյել Մարտիին, բայց, ընդհանուր առմամբ, ներկայացումը հիասթափություն էր պատճառել։ Շատ ավելի լավերն էին տեսել նրանք։ Անդրե Մարտին երբեք ոչ մի նշանակություն չէր տվել հայհոյանքներին։ Այնքան մարդիկ էին նրա հետ զրույցն ավարտել հայհոյանքներով։ Նա միշտ անկեղծորեն խղճացել էր նրանց որպես մարդկային էակների։ Միշտ մտածել էր նրանց մասին, և դա մեկն էր այն հատուկենտ անկեղծ մտքերից, որոնք դեռևս մնացել էին նրա մոտ և որոնք կարող էր իրենը համարել։
 +
 +
Նա նստել էր այդտեղ՝ բեղերն ու աչքերը սևեռած քարտեզին, որից երբեք ոչինչ չէր հասկացել, ու նայում էր շագանակագույն հորիզոնականների բարակ, համակենտրոն, ոստայնանման գծերին։ Նա գիտեր, որ դրանք բարձունքներ ու հովիտներ են ցույց տալիս, բայց ոչ մի կերպ չէր կարողանում ըմբռնել, թե ինչու այս մեկը բարձունք է, իսկ սա՝ հովիտ։ Եվ քանի որ Ինտերնացիոնալ բրիգադների քաղաքական կոմիսարը լինելով իրավունք ուներ ամնե ինչի միջամտելու, ուստի և գլխավոր շտաբում մատը դնում էր շագանակագույն, բարակ գծիկներով շրջապատված համարակալված մի քանի կետի վրա, որը զետեղված էր անտառային կանաչ գոտում և կտրատված էր գետերի ոլորապտույտ ընթացքին բոլորովին ոչ պատահականորեն զուգահեռ ճանապարհներով, և ասում էր․ «Ա՛յ, այստեղ։ Սա է թույլ կետը»։
 +
 +
Գալը և Կոպիկը, որոնք հաշվենկատ ու փառասեր քաղաքական գործիչներ էին, համաձայնվում էին, իսկ որոշ ժամանակ անց, մարդիկ, որոնք երբեք չէին տեսել քարտեզը, բայց որոնց հարձակմանը նախորդող պահին հաղորդել էին բարձունքի համարը, բարձրանում էին ու իրենց մահը գտնում նրա լանջերին, կամ էլ, դեռևս ստորոտին, ձիթենիների պուրակներից տեղացող գնդացրային կրակից։ Մեկ ուրիշ կողմից գուցեև ավելի հեշտ կլիներ բարձունքը գրավելը, բայց միևնույն է, դա էլ ոչ մի իմաստ չուներ։ Բայց երբ Գոլցի շտաբում Անդրե Մարտին մատը դնում է քարտեզի վրա, գլուխն սպիներով պատված և դժգույն դեմքով գեներալի ծնոտի մկանները ձգվում էին և նա մտածում էր․ «Ես ձեզ, Անդրե Մարտի, կգնդակահարեի և թույլ չէի տա, որ ձեր այդ փտած մատը քարտեզի վրա դնեք։ Անիծվե՛ք դուք, որ այնքան մարդկանց մահվան պատճառ դարձաք, ձեր չիմացած գործերին միջամուխ լինելով։ Անիծվեր այն օրը, երբ ձեր անունով տրակտորի գործարաններ, գյուղեր ու կոլտնտեսություններ սկսեցին կոչել, և դուք դարձաք խորհրդանիշ, դարձաք անձեռնմխելի, և հիմա այլևս չեմ կարող ես ձեզ դիպչել։ Գնացեք, կասկածեցե՛ք, սպառնացե՛ք, միջամտեցե՛ք, մատնեցե՛ք, գնդակահարեցե՛ք, գնացեք ուր ուզում եք, միայն թե հեռացե՛ք իմ շտաբից»։
 +
 +
Սակայն այդ ամենն ասելու փոխարեն, Գոլցը հենվում էր աթոռի թիկնակին, գլուխը ետ գցում այդ կռացած զանգվածից, ցցված մատից, խոնավ, մոխրագույն աչքերից, սպիտակող բեղերից, գարշահոտ շնչից և ասում էր․ «Այո՛, ընկեր Մարտի։ Ես ձեր տեսակետը հասկացա։ Բայց և այնպես, դա համոզիչ չէ, և ես ձեզ հետ համաձայն չեմ։ Դուք կարող եք գործել իմ գլխի վրայով։ Այո՛։ Դուք կարող եք դա, ինչպես ասացիք, կուսակցական հարց դարձնել։ Բայց ես ձեզ հետ համաձայն չեմ»։
 +
 +
Իսկ հիմա Անդրե Մարտին նստել էր դատարկ սեղանի վրա փռված քարտեզի դիմաց, էլեկտրական լամպի լույսն ընկել էր լայն բերետով ծածկված գլխին, նա բերետն առաջ էր քաշել, որպեսզի աչքերը լույսից պաշտպանի, նայում էր մոմատիպով բազմացված հարձակման հրամանին և դանդաղ, ուշադիր և ջանասիրաբար աշխատում էր քարտեզի վրա, ինչպես ռազմական ուսումնարանում սովորող երիտասարդ սպան, որին հանձնարարված է որևէ խնդիր վճռել։ Պատերազմը ամբողջովին կլանել էր նրան։ Մտովի ինքն էր զորքերի հրամանատարը։ Ինքն իրավունք ուներ միջամուխ լինելու որոշումներին, դրա համար էլ հավատացած էր, որ ինքն է գործողությունները ղեկավարում։ Եվ այսպես Ռոբերտ Ջորդանի Գոլցին ուղղված զեկուցագիրը նա դրել էր գրպանը։ Գոմեսն ու Անդրեսը սպասում էին պահակասենյակում, իսկ Ռոբերտ Ջորդանը պառկել էր անտառում, կամրջի մոտ։
 +
 +
Եթե Անդրե Մարտին Գոմեսին ու Անդրեսին չպահեր էլ, դժվար թե այդ առաքելությունը որևէ փոփոխություն մտցներ գործի ընթացքի մեջ։ Ռազմաճակատում չկար այնպիսի մի մարդ, որ հարձակումն հետաձգելու բավարար իշխանությամբ օժտված լիներ։ Մեքենան շատ վաղուց էր շարժման մեջ դրվել, և հնարավոր չէր հիմա միանգամից կասեցնել։ Ռազմական բոլոր գործողությունների ժամանակ էլ մեծ է իներցիայի ուժը։ Բայց երբ իներցիան հաղթահարվում է և մեքենան շարժման մեջ է դրվում, կասեցնելը նույնքան դժվար է, ինչքան սկսելը։
 +
 +
Իսկ այդ գիշեր, երբ բերետն աչքերին քաշած ծեր մարդը նստել էր սեղանի առաջ ու նայում էր դիմացը փռված քարտեզին, դուռը բացվեց և ներս մտավ ռուս լրագրող Կարկովը՝ երկու ուրիշ ռուսների հետ, որոնք քաղաքացիական հագուստներով էին, կաշվե վերարկուով և կեպիով։ Պահակախմբի կապրալը դուռը տհաճությամբ փակեց նրանց ետևից։ Կարկովը ղեկավարներից առաջինն էր, որ հայտնվել էր այդտեղ։
 +
 +
― Տովարիշչ Մարտի, ― ասաց Կարկովը քաղաքավարի֊արհամարհական շվշվախոսությամբ և ժպտաց՝ ցույց տալով փչացած ատամները։
 +
 +
Մարտին կանգնեց։ Նա Կարկովին չէր սիրում, բայց Կարկովը «Պրավդայից» էր և ուղիղ կապի մեջ էր Ստալինի հետ, տվյալ պահին Իսպանիայում գտնվող երեք ամենակարևոր մարդկանցից մեկն էր։
 +
 +
― Տովարիշչ Կարկով, ― ասաց նա։
 +
 +
― Հարձակո՞ւմն եք նախապատրաստում, ― ասաց ամբարտավանորեն՝ գլխով ցույց տալով քարտեզը։
 +
 +
― Ուսումնասիրում եմ, ― պատասխանեց Մարտին։
 +
 +
― Դո՞ւք եք հարձակումը ղեկավարում, թե՞ Գոլցը, ― անխռով շարունակեց Կարկովը։
 +
 +
― Ես լոկ կոմիսար եմ, ինչպես գիտեք, ― ասաց Մարտին։
 +
 +
― Չէ, ― ասաց Կարկովը։ ― Համեստություն եք անում։ Դուք իսկական գեներալ եք։ Քարտեզ ունեք, դաշտային հեռադիտակ։ Բայց մի ժամանակ դուք ադմիրալ եք եղել, չէ՞, ընկեր Մարտի։
 +
 +
― Հրետաձգի օգնական էի, ― ասաց Մարտին։ Սուտ էր։ Իրականում նա ապստամբության պահին եղել էր ավագ գրագիր։ Բայց վաղուց արդեն այն կարծիքին էր, որ հրետաձգի օգնական է եղել։
 +
 +
― Աա՜։ Ես կարծում էի, որ սովորական գրագիր եք եղել, ― ասաց Կարկովը։ ― Միշտ շփոթում եմ փաստերը։ Լրագրողին բնորոշ հատկություն։
 +
 +
Մյուս ռուսները խոսակցությանը չէին մասնակցում, նրանք Մարտիի ուսերի վրայով նայում էին քարտեզին և մեկ֊մեկ ինչ֊որ բաներ էին ասում իրար իրենց լեզվով։ Ողջույնից հետո Մարտին ու Կարկովը խոսում էին ֆրանսերեն։
 +
 +
― Կարևորն այն է, որ «Պրավդային» սխալ փաստեր չուղարկեք, ― ասաց Մարտին։ Ասաց միանգամից, կտրուկ, որպեսզի կարողանա նորից ինքն իրեն հավաքել։ Կարկովը միշտ էլ նրա փուքսն իջեցնում էր։ Ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ degonfler: Եվ այդ բանը Մարտիին տանջում էր, նա միշտ զգույշ էր նրա հետ զրուցելիս։ Երբ Կարկովը խոսում էր նրա հետ, նա մոռանում էր, որ ինքը Անդրե Մարտին է, որ իրեն Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն է լիազորել ու կարևոր հանձնարարությամբ գործուղել է այստեղ։ Մոռանում էր, որ ինքն անձեռնմխելի է։ Կարկովը միշտ, ցանկացած պահին և շատ հանգիստ դիպչում էր նրան։
 +
 +
― Ես սովորաբար ստուգում եմ փաստերը, հետո միայն հաղորդում «Պրավդային», ― ասաց Կարկովը։ ― «Պրավդայի» իմ հաղորդումները շատ ճշգրիտ են։ Ասացե՛ք, ընկեր Մարտի՛, Սեգովիայում գործող պարտիզանական ջոկատներից Գոլցին ուղարկված ինչ֊որ զեկուցագրի մասին որևէ բան լսե՞լ եք։ Այնտեղ մի ամերիկացի ընկեր է գտնվում հիմա, Ռոբերտ Ջորդան անունով, նա պետք է տեղեկություններ տար։ Հաղորդումներ եղան, որ այնտեղ ֆաշիստների թիկունքում մարտեր են տեղի ունեցել։ Նա զեկուցագիր պետք է ուղարկեր Գոլցին։
 +
 +
― Ամերիկացի՞, ― հարցրեց Մարտին։ Անդրեսը Ingles էր ասել։ Ահա թե ինչ։ Ուրեմն նա սխալվել է։ Եվ ինչո՞ւ էին այդ հիմարները դիմել իրեն։
 +
 +
― Այո, ― արհամարհանքով նայեց Կարկովը նրան, ― երիտասարդ մի ամերիկացի, քաղաքականապես ոչ այնքան զարգացած, բայց շատ լավ է ճանաչում իսպանացիներին և պարտիզանական գործի հիանալի մասնագետ է։ Այդ զեկուցագիրը, ընկեր Մարտի, հիմա տվեք ինձ։ Առանց այդ էլ շատ են ուշացրել։
 +
 +
― Ի՞նչ զեկուցագիր, ― հարցրեց Մարտին։ Անշուշտ դա շատ հիմար հարց էր, ինքն էլ գիտեր դա, բայց անկարող էր այդքան արագ ընդունել, որ ինքը սխալվել է և տվեց հարցը, որպեսզի ուշացնի նվաստացման պահը կամ խուսափի նվաստացումից։
 +
 +
― Եվ անցագիրը, ― ասաց Կարկովը փչացած ատամների արանքով։
 +
 +
Անդրե Մարտին ձեռքը տարավ գրպանը և զեկուցագիրը դրեց սեղանին։ Նա շեշտակի նայեց Կարկովի աչքերի մեջ։ Դե լավ։ Սխալվել էր, ի՞նչ կարող էր անել, բայց նվաստացման հետ չէր հաշտվում։
 +
 +
― Եվ անցագիրը, ― ցածրաձայն ասաց Կարկովը։ Մարտին անցագիրը դրեց զեկուցագրի կողքին։
 +
 +
― Ընկեր կապրալ, ― կանչեց Կարկովը իսպաներեն։ Կապրալը դուռը բացեց և ներս եկավ։ Նա արագ հայացք գցեց Մարտիի վրա, որը նայում էր իրեն որսաշներից հալածական ծեր վարազի նման։ Մարտիի դեմքին վախի արտահայտություն չկար, ոչ էլ նվաստացման։ Նա զայրացած էր, միայն այդքան, և եթե հալածական էր, ապա լոկ ժամանակավորապես։ Նա գիտեր, որ այս շները երբեք չեն կարողանա իր կոկորդից բռնել։
 +
 +
― Սրանք տվեք պահակասենյակի այն երկու ընկերներին և նրանց ուղարկեցեք գեներալ Գոլցի շտաբը, ― ասաց Կարկովը կապրալին։ ― Շատ են ուշացել։
 +
 +
Կապրալը դուրս եկավ, Մարտին հայացքով հետևեց նրան, հետո նայեց Կարկովին։
 +
 +
― Տովարիշչ Մարտի, ― ասաց Կարկովը։ ― Ես կիմանամ, թե դու ինչքանով եք անձեռնմխելի։
 +
 +
Մարտին շեշտակի նայեց նրան ու ոչինչ չասաց։
 +
 +
― Կապրալի դեմ չսկսեք ինչ֊որ բաներ սարքել, ― շարունակեց Կարկովը։ ― Կապրալն ինձ ոչինչ չի ասել։ Ես ինքս տեսա այդ երկուսին պահակասենյակում և նրանք դիմեցին ինձ (սուտ էր)։ Ես հույս ունեմ, որ մարդիկ միշտ էլ կդիմեն ինձ (դա ճիշտ էր, բայց իրեն կապրալն էր ասել)։ ― Կարկովը հավատացած էր, որ իր մատչելի լինելը բարիք է բերում մարդկանց, որ բարյացակամ միջամտությունը օգտակար է լինում։
 +
 +
― Գիտե՞ք, որ ՍՍՀՄ֊ում ես շատ նամակներ եմ ստանում «Պրավդայի» հասցեով, Ադրբեջանում մի անարդարություն է լինում, ինձ են գրում։ Դուք դա գիտեի՞ք։ Ասում են՝ «Կարկովը մեզ կօգնի»։
 +
 +
Անդրե Մարտին նայում էր նրան, և նրա դեմքի վրա ոչ մի արտահայտություն չկար, բացի զայրույթից ու զզվանքից։ Նրա ուղեղում հիմա միայն մի բան կար՝ Կարկովն իրեն վատություն արեց։ Դե լավ, Կարկով, հզոր ես, ճիշտ է, բայց զգույշ կաց։
 +
 +
― Այս դեպքում, իհարկե, հարցը մի փոքր ուրիշ է, ― շարունակեց Կարկովը, ― բայց սկզբունքորեն նույնն է։ Ես կիմանամ, թե դուք ինչքանով եք անձեռնմխելի, ընկեր Մարտի։ Ես կփորձեմ իմանալ, թե արդյոք հնարավոր չէ՞ տրակտորի այդ գործարանի անունը փոխել։
 +
 +
Անդրե Մարտին հայացքը շրջեց նրանից և նորից սկսեց նայել քարտեզին։
 +
 +
― Ի՞նչ էր գրել երիտասարդ Ջորդանը, ― հարցրեց Կարկովը։
 +
 +
― Չեմ կարդացել, ― ասաց Անդրե Մարտին։ ― Et maintenant fiche moi la paix,<ref>Իսկ հիմա ինձ հանգիստ թող (ֆր․):</ref> ընկեր Կարկով։
 +
 +
― Լավ, ― ասաց Կարկովը։ ― Գնացի, զբաղվեք ձեր ռազմական գործերով։
 +
 +
Նա դուրս եկավ և գնաց պահակասենյակ։ Անդրեսն ու Գոմեսն արդեն գնացել էին, նա մի պահ կանգնեց այդտեղ, նայեց ճանապարհին, այգաբացի գորշավուն շողերի մեջ գծագրվող լեռների բարձունքներին։ Պիտի գնանք֊հասնենք այդտեղ, ասաց ինքն իրեն։ Հիմա արդեն շուտով։
 +
 +
Անդրեսն ու Գոմեսը դարձյալ նստել էին մոտոցիկլը և ճանապարհ ընկել։ Լուսանում էր։ Անդրեսը վերստին կառչել էր առջևի նստարանի բռնակից, իսկ մոտոցիկլը, ճեղքելով բարձունք տանող ուղին պարուրած գորշ մշուշը, բարձրանում էր կեռմաններով, և հանկարծ Գոմեսն արգելակեց, իջան, կանգնեցին զառիվայր ճանապարհի մեջտեղը։ Ներքևում, անտառի մեջ, իրենցից դեպի ձախ, սոճու ճյուղերով ծածկված տանկեր էին կանգնած։ Անտառը զորքով էր լցված։ Անդրեսը նկատեց, որ զինվորները երկար բռնակներով պատգարակներ են տեղափոխում ուսերին։ Դեպի աջ, ճանապարհից դուրս, ծառերի տակ, շտաբի ավտոմեքենաներ էին կանգնած, երեք հատ, դրանք նույնպես քողարկված էին սոճու ճյուղերով։
 +
 +
Գոմեսը մոտոցիկլը քշեց այդ մեքենաներից մեկի մոտ, հենեց մի ծառի և սկսեց խոսել վարորդի հետ, որը մեջքը դեմ էր արել ծառի բնին ու նստել հատակին։
 +
 +
― Արի տանեմ նրա մոտ, ― ասաց վարորդը։ ― Moto֊դ դիր մի կողմ, դրանցով էլ ծածկիր, որպեսզի չերևա։ ― Նա ցույց տվեց կտրված ճյուղերի կույտը։
 +
 +
Ծագող արևի շողերը ծառերի միջով ընկել էին ցած, Գոմեսն ու Անդրեսը գնում էին վարորդի ետևից, որի անունը Վիսենտե էր։ Զառիթափ ճամփով հասան բլինդաժ, որի կտուրից լարեր էին ձգված դեպի ծառերը, այնուհետև հեռո՜ւ֊ հեռո՜ւ։
 +
 +
Վարորդը գնաց ներս, իրենք մնացին մուտքի մոտ, Անդրեսը հիացած նայում էր բլինդաժին, որը հեռվից բլրի լանջին փորված սովորական փոս էր թվում։ Կողքերը, ինչքան հնարավոր էր նկատել մուտքից, հող չկար։ Երևում էր, որ խորն է, և բավական ընդարձակ, մարդիկ ազատ կարող են շարժվել, առանց վախենալու, որ գլուխները կխփեն գերանապատ առաստաղին։
 +
 +
Վարորդ Վիսենտեն դուրս եկավ։
 +
 +
― Նա վերևում է, այնտեղ, զորքերի մոտ, ― ասաց Վիսենտեն։ ― Ես ծրարը տվեցի շտաբի պետին։ Վերցրո՛ւ ստորագրությունը։
 +
 +
Նա Գոմեսին մեկնեց ստորագրված ծրարը։ Գոմեսը տվեց Անդրեսին, Անդրեսը նայեց ու դրեց շապիկի գրպանը։
 +
 +
― Ստորագրողի անունը ի՞նչ է, ― հարցրեց նա։
 +
 +
― Դյուվալ, ― ասաց Վիսենտեն։
 +
 +
― Լավ, ― ասաց Անդրեսը։ ― Դա այն երեքից մեկն է, որոնց պետք է հանձնեի։
 +
 +
― Սպասելո՞ւ ենք պատասխանին, ― հարցրեց Գոմեսը Անդրեսին։
 +
 +
― Լավ կլիներ։ Թեև աստված գիտի, թե որտեղ կարող եմ Ingles֊ին ու մյուսներին գտնել կամրջից հետո։
 +
 +
― Արի գնանք ինձ հետ, ― ասաց Վինսենտեն։ ― Մինչև գեներալը վերադառնա, մի սուրճ կխմես։ Սոված կլինես, արի։
 +
 +
― Այս ինչքա՜ն տանկ կա, ― ասաց Գոմեսը։
 +
 +
Նրանք անցնում էին ճյուղերով ծածկված ցեխագույն տանկերի կողքով, որոնց թողած թրթուրանիվների հետքերի վրա սոճու ասեղնատերևներ էին շաղ տվել։ Ճյուղերի արանքներից թնդանոթների 45 միլիմետրանոց փողերը դուրս էին ցցվել։ Կաշվե կիսավերարկու հագած ու գլուխներին ցցուն կողիկներով սաղավարտ դրած վարորդներն ու հրաձիգները մեջքները տվել էին տանկերին ու նստել գետնին, իսկ ոմանք պառկել֊քնել էին։
 +
 +
― Սրանք պահեստի տանկերն են, ― ասաց Վիսենտեն։ ― Զորքն էլ։ Հարձակումն սկսողները վերևում են։
 +
 +
― Շատ շատ են, ― ասաց Անդրեսը։
 +
 +
― Այո, ― ասաց Վիսենտեն։ ― Մի ամբողջ դիվիզիա։
 +
 +
Բլինդաժում Դյուվալը բացել էր Ռոբերտ Ջորդանից ստացված զեկուցագիրը, պահել էր ձախ ձեռքում և մերթ֊մերթ նայում էր նույն բազուկին կապված ժամացույցին։ Արդեն չորրորդ անգամ էր կարդում զեկուցագիրը, և ամեն ընթերցումից հետո զգում էր, թե ինչպես թևատակերից քրտինքը ծորալով իջնում է կողերն ի վար։
 +
 +
Հեռախոսով փորձում էր կապվել Գոլցի հետ։
 +
 +
― Դե ուրեմն միացրեք Սեգովիայի գործողությունների շրջանը։ Գնացե՞լ է։ Միացրեք Ավիլայի շրջանը։
 +
 +
Հեռախոսափողը ցած չէր դնում։ Բայց ոչ մի արդյունք։ Երկու բլինդաժների հետ էլ կապվել էր։ Գոլցը մեկնել էր զորադասավորումներն ստուգելու։ Զանգահարեց մի տեղ։ Չկար։
 +
 +
― Միացրեք օդանավակայան, ― ասաց Դյուվալը, միանգամից իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը։ Կկասեցնի հարձակումը, կկասեցնի իր պատասխանատվությամբ։ Պետք է կասեցնել։ Էլ ի՞նչ անակնկալ հարձակման մասին է խոսքը, երբ թշնամին պատրաստ սպասում է դրան։ Դա ոճրագործություն է։ Դու այդ բանը չես կարող թույլ տալ։ Պետք չէ թույլ տաս։ Ինչ ուզում է թող լինի։ Թող քեզ գնդակահարեն։ Կարող ես ուղղակի օդանավակայանի հետ կապվել, որպեսզի չսկսվի ռմբակոծությունը։ Իսկ եթե այս հարձակման նպատակը թշնամու ուշադրությունը շեղե՞լն է։ Եթե նրա համար է, որ զորքերն ու սպառազինությունը դո՞ւրս քաշեն։ Կարող է, չէ՞։ Այդ ե՞րբ են ասել, թե որ հարձակումը ինչ նպատակով է կատարվում։
 +
 +
― Օդանավակայանը պետք չէ, ― ասաց կապավորին։ ― Տվեք 69-րդ բրիգադայի դիտակետը։
 +
 +
Նա դեռ սպասում էր կապի, երբ լսվեց առաջին ինքնաթիռների ձայնը։
 +
 +
Այդ պահին միացրեցին դիտակետի հետ։
 +
 +
― Այո, ― հանգիստ ասաց Գոլցը։
 +
 +
Նա թիկունքը հենել էր ավազով լցված պարկին, ոտքերը դեմ տվել ժայռին ու նստել էր, սիգարետը կախվել էր ներքևի շրթունքից, խոսում էր և միաժամանակ մեկ վերև էր նայում, մեկ աջ ու ձախ։ Տեսնում էր եռյակների մեծացող սեպերը, որոնք արևի առաջին ճառագայթների հետ գալիս էին լեռների թիկունքից և, գեղեցիկ ու փայլփլուն, արծաթին տալով դղրդոցով ճեղքում էին երկինքը։ Եվ երբ արդեն ընկավ պրոպելլերների վրա, նա տեսավ, թե ինչպես նրանց շուրջ զույգ լուսապսակներ գոյացան։
 +
 +
― Այո, ― ասաց հեռախոսով ֆրանսերեն, որովհետև Դյուվալն էր խոսակիցը։ ― Nous sommes foutus. Oui. Comme toujours. Oui: C'est dommahe. Oui. Խայտառակ բան է, ինչո՞ւ այսքան ուշ իմացանք։
 +
 +
Նա հետևում էր ինքնաթիռներին, և նրա աչքերում հպարտություն էր երևում։ Այժմ արդեն պարզ տեսնում էր նրանց թևերի կարմիր տարբերանշանները, նայում էր, թե ինչպես անհողդողդ, վեհապանծ ընթացքով ու մռնչյունով նրանք ճեղքում են օդը։ Ահա թե ինչպես կարող էր լինել։ Մեր ինքնաթիռներն են սրանք։ Եկել են Սև ծովից, եկել են նավերով, կտրել են Մարմարան, Դարդանելը, Միջերկրականը, հետո զգուշորեն ափ են իջեցվել Ալիկանտեում, մասնագետները սիրով հավաքել են, փորձարկել և համոզվել, որ անթերի են, և հիմա նրանք սեղմ ու հստակ սեպեր կազմած, առավոտյան արևի ճառագայթների տակ արծաթին տալով գնում են դեպի հեռավոր այն բարձունքները, որպեսզի դղրդյունով հոդս ցնդեցնեն ամեն ինչ, ու մենք կարողանանք առաջ շարժվել։
 +
 +
Գոլցը գիտեր, որ ինքնաթիռներն հիմա կանցնեն իր գլխավերևով, և քիչ հետո գլխիվայր սուզվող սև դելֆինների նման ռումբերը կթափվեն բարձունքների վրա, և լեռների կատարները դղրդյունով օդ կբարձրանան, փոշու ամպերը կդառնան մի հոծ զանգված և ամեն ինչ կծածկեն տեսողությունից։ Այդ ժամանակ սարալանջերի երկու կողմերով տանկերը շռնդալով կսողան, և նրանց ետևից իր երկու բրիգադները առաջ կշարժվեն։ Այո, եթե հարձակումն անակնկալ լիներ, նրանք կարող էին գնալ ու գնալ, իջնել սարալանջով, անցնել կիրճը, մերթընդմերթ կանգ առնել, մաքրել ճանապարհը, դա շատ կարևոր է, տանկերի մի մասը մանևրելով ու գնդակոծելով կծածկի հետևակին, մյուսներն առաջ կշարժվեն, ու զինվորները կգնան նրանց ետևից, կգնան առաջ։ Այսպես կլիներ, եթե դավաճանություն տեղի չունենար, եթե յուրաքանչյուրն աներ այն, ինչ պարտավոր էր անել։
 +
 +
Դիմացն ահա երկու լեռնապարերն են, այստեղ են տանկերը, այստեղ են իր երկու հիանալի բրիգադները՝ պատրաստ հարկ եղած պահին անտառից դուրս գալու, երևացին, ահա, նաև ինքնաթիռները։ Ինչ պետք էր անել, ինքն արել է, և արել է ինչպես հարկն է։
 +
 +
Բայց երբ նայեց համարյա իր գլխավերևում գտնվող ինքնաթիռներին, զգաց, թե ինչպես աղիքները կծկվեցին, որովհետև այն պահից, երբ հեռախոսով հայտնեցին իրեն Ռոբերտ Ջորդանի զեկուցագրի բովանդակությունը, պարզ դարձավ, որ լեռների բարձունքներին ոչ ոք չի լինի, նրանք իջած կլինեն և պատսպարված նեղլիկ խրամատներում։ Թաքնված կլինեն անտառներում, հետո, երբ ռմբակոծիչներն հեռանան, նրանք կելնեն բարձունքներն ու գնդացիրներով, ավտոմատներով ու հակատանկային այն հրանոթներով, որոնց տեղափոխման մասին հայտնել էր Ջորդանը, կդիմավորեն մեզ, և մեր խայտառակությունների թիվը կավելանա ևս մեկով։ Իսկ ինքնաթիռները գալիս էին, գալիս էին այնպես, ինչպես որ պետք է գային, և Գոլցը, աչքերն հառած նրանց, ասաց հեռախոսով․
 +
 +
― Չէ։ Rien a faire: Rien: Faut pas penser: Faut accepter.<ref>Ոչինչ չես կարող անել։ Ոչինչ։ Պետք չէ մտածել։ Պետք է ընդունել (ֆր․):</ref>
 +
 +
Հայացքը սևեռած՝ Գոլցը հետևում էր ինքնաթիռներին իր խոժոռ, հպարտ աչքերով, որոնք գիտեին, թե ինչպես կարող էր լինել, բայց հակառակ դրան, ինչպես է լինելու, հպարտ նրանով, թե ինչպես կարող էր լինել, հավատացած նրան, թե ինչպես կարող էր լինել, եթե նույնիսկ երբեք չի լինելու, ասաց․
 +
 +
― Bon. Nous ferons notre petit possible,<ref>Լավ։ Կանենք ինչ հնարավոր է (fr.):</ref> և հեռախոսը կախեց։
 +
 +
Բայց Դյուվալը նրան չլսեց։ Նստած սեղանի առաջ, հեռախոսափողը ձեռքին, նա միայն ինքնաթիռների աղմուկն էր լսում և մտածում․ գուցե հիմա, ականջ դիր, գուցե այս անգամ ռմբակոծիչները հօդս ցնդեցնեն նրանց բոլորին, գուցե կարողանանք ճեղքել ճակատը, գուցե ստանա պահեստի ուժերը, որ խնդրել էր, գուցե սա է հենց, գուցե հենց այս անգամ է։ Դե։ Դե։ Ինքնաթիռների ոռնոցն այնքան ուժեղ էր, որ նա չէր կարողանում նույնիսկ իր մտքերը լսել։
 +
 +
 +
==Գլուխ քառասուներեքերորդ==
 +
 +
Ռոբերտ Ջորդանը պառկել էր սոճու բնի ետևը, կամուրջ տանող ճանապարհի վերևն ընկած սարալանջին ու նայում էր, թե ինչպես է լուսանում։ Միշտ սիրել էր օրվա այս ժամը, հիմա էլ, երբ նայում էր, այնպիսի մի զգացողություն ունեցավ, կարծես իր մեջ ևս այղ աղոտ լույսն էր, կարծես ինքն էլ մի մասն էր արևածագին նախորդող այդ դանդաղ լուսացումի, երբ առարկաները մգանում են, իսկ միջոցը լուսավորվում է, գիշերվա վառ լույսերը դառնում են դեղնավուն ու հետո բոլորովին հանգում։ Իրենից դեպի ցած սարալանջին կանգնած սոճիների բները հիմա արդեն ընդգծված շագանակագույն էին, նոսր մեգով պատված ճանապարհը փայլփլում էր։ Հագուստը խոնավացել էր ցողից, անտառի փափուկ հատակին կիտված շագանակագույն ասեղնատերևնրը սորում էին արմունկների տակ։ Գետակի հունից բարձրացող թեթև մշուշի միջով նա տեսավ կամրջի պողպատյա ձողակառույցը, որն ուղիղ և ամուր կապով անդունդի երկու եզրերը միացնում էին իրար, տեսավ ժամապահների փայտյա զույգ խցիկները։ Գետակի վրա կախված մշուշով պարուրված ձողակառույցը նուրբ, եթերային տեսք ուներ տակավին։
 +
 +
Հիմա նա տեսնում էր խցիկում կանգնած ժամապահի թիկունքը, հագի թիկնոցը, ծոծրակը, որ երևում էր պողպատյա սաղավարտի տակից, երբ ձեռքերը տաքացնելու համար նա կռանում էր նավթի ծածկված ամանից սարքված կրակարանի վրա։ Ռոբերտ Ջորդանը լսում էր խորունկ, ժայռերի միջով վազող գետակի ձայնը, տեսավ ժամապահի խցիկից բարձրացող աննշմար, բարակ ծուխը։
 +
 +
Նա նայեց ժամացույցին և մտածեց, տեսնես Անդրեսը հասա՞վ Գոլցի մոտ։ Եթե, այնուամենայնիվ, պայթեցնելու ենք կամուրջը, լավ է դանդաղեցնեմ շնչառությունս, որպեսզի դանդաղի և ժամանակի ընթացքը, և ես զգամ այն։ Կարծում ես հասե՞լ է։ Հասե՞լ է Անդրեսը։ Եվ եթե հասել է, կկասեցնե՞ն հարձակումը։ Կհասցնե՞ն կասեցնել։ Que va: Էլ մի՛ մտածիր։ Կամ կկասեցնեն, կամ՝ ոչ։ Ուրիշ որոշում չի կարող լինել, քիչ մնաց, շուտով կիմանաս։ Ենթադրիր, որ կարող է հաջողությամբ ավարտվել հարձակումը։ Գոլցն ասաց՝ կարող է։ Հնարավորություն կա։ Եթե տանկերն իջնեն այս ճամփով, զորքը աջով շրջանցի Լա Գրանխան և ձախից էլ այս լեռնապարը, հնարավոր է։ Ինչո՞ւ չես ուզում մտածել, որ հարձակումը կարող է հաջողությամբ ավարտվել։ Այսքան ժամանակ որ միայն պաշտպանվելու մասին ենք մտածել, դրա համար էլ հիմա հարձակումը չես էլ պատկերացնում։ Իհարկե։ Բայց Գոլցի հետ մեր խոսակցությունից հետո այս ճանապարհով շատ զորք ու զինամթերք փոխադրեցին դեպի սարերը։ Ինքնաթիռներն եկան։ Չէ՛։ Այդքան միամիտ մի՛ լինի։ Բայց այս բանը հիշի՛ր՝ քանի դեռ մենք դիմադրում ենք ֆաշիստներին, նրանց ձեռքերն ու ոտքերը կապված են, և նրանք չեն կարող ուրիշ երկրների վրա հարձակվել, նրանք նախ պետք է մեր վերջը տան, իսկ մեր վերջը տալ երբեք չեն կարող։ Եթե ֆրանսիացիները մեզ օգնեն, սահմանները չփակեն, եթե Ամերիկայից ինքնաթիռներ ստանանք, նրանք չեն կարող մեր վերջը տալ։ Երբեք, եթե որևիցե օժանդակություն ստանանք։ Այս մարդիկ հավերժ կմարտնչեն, եթե լավ զինես։
 +
 +
Ո՛չ, այստեղ պետք չէ հաղթանակ ակնկալել, թերևս դեռ մի քանի տարի։ Սա էլ լոկ ուշադրություն շեղելու նպատակ ունեցող հարձակում է։ Պատրանքներով մի՛ տարվիր։ Իսկ եթե մեզ այսօր հաջողվի ճեղքե՞լ ճակատը։ Ախր սա մեր առաջին մեծ հարձակումն է։ Ողջամտությունդ մի՛ կորցրու։ Բայց եթե հաջողվի՞։ Մի՛ տաքանար, ասաց ինքն իրեն։ Հիշիր, թե այս ճանապարհով ինչեր փոխադրեցին։ Դու արեցիր այն ամենը, ինչ կարող էիր։ Մեզ պետք է կարճալիք դյուրակիր ռադիոկայան։ Մի օր դա էլ կլինի։ Բայց առայժմ չկա։ Իսկ հիմա ուշադիր նայի՛ր ու արա այն, ինչ պետք է անես։
 +
 +
Այս օրը միայն մեկն է այն բոլոր օրերից, որ երբևէ լինելու են։ Բայց այսօրվա քո անելիքից է կախված, թե ինչեր կպատահեն այդ երբևէ լինելիք օրերին։ Այդպես է եղել այս ամբողջ տարին։ Բազում անգամ է այդպես եղել։ Այդպես է եղել այս ամբողջ պատերազմի ընթացքում։ Լավ ճոռոմաբանն ես դարձել առավոտ լուսով, ասաց ինքն իրեն։ Դու նայիր, թե այնտեղ ինչ է կատարվում։
 +
 +
Նա տեսավ, թե ինչպես թիկնոցներն ուսերին և գլուխները պողպատյա սաղավարտով ծածկված երկու մարդ, հրացաններն ուսերին, դուրս եկան ճանապարհի ոլորանից ու քայլեցին դեպի կամուրջը։ Մեկը կանգնեց կամրջի հեռավոր ծայրի խցիկի մոտ ու չէր երևում։ Մյուսը դանդաղ, ոտքերը ծանր֊ծանր առաջ գցելով քայլում էր կամրջով։ Մի պահ կանգ առավ ու թքեց ներքև՝ անդունդը, հետո վերստին դանդաղ գնաց դեպի մոտակա խցիկը, որտեղ մի քանի խոսք փոխանակեցին ժամապահի հետ, ինքը մնաց այնտեղ, իսկ մյուսը, արագ քայլերով (որովհետև շտապում է սուրճի, մտածեց Ռոբերտ Ջորդանը) գնաց, բայց նույնպես կամրջի վրա կանգ առավ ու թքեց ցած՝ անդունդը։
 +
 +
Տեսնես սնահավատությո՞ւն է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Ես էլ կթքեմ։ Ասենք, եթե ի վիճակի լինեմ թքելու։ Չէ՛։ Դա չի կարող դարման լինել։ Չի օգնի։ Ես պիտի մինչև կամուրջ դուրս գալս ապացուցեմ, որ դա չի օգնում։
 +
 +
Նոր ժամապահը մտել էր խցիկ ու նստել։ Հրացանը՝ սվինը վրան, հենել էր պատին։ Ռոբերտ Ջորդանը վերնաշապկի գրպանից հանեց հեռադիտակը, ակնապակիները պտտեցրեց այնքան, մինչև որ հստակ ու որոշակիորեն երևացին կամրջի հեռավոր մասն ու գորշ գույնով ներկված մետաղը։ Հետո շրջեց դեպի ժամապահի խցիկը։
 +
 +
Ժամապահը նստել էր ու կռթնել պատին։ Սաղավարտը կախված էր կեռիկից, դեմքը պարզ երևում էր։ Ռոբերտ Ջորդանը ճանաչեց նրան, երկու օր առաջ էլ, կեսօրից հետո, այդ նույն մարդն էր։ Հիմա էլ գլխին նույն գործած գլխարկն էր։ Էլի սափրված չէր։ Այտերը փոս էին ընկած, այտոսկրերը ցցված էին։ Թավ հոնքեր ուներ, որ գալիս֊միանում էին կենտրոնում։ Կարծես քունը գլխին էր, Ռոբերտ Ջորդանը տեսավ, որ նա հորանջում է։ Ժամապահը մի պտղունձ ծխախոտ լցրեց թղթի վրա ու փաթաթեց։ Փորձեց հրահանը վառել, չեղավ, դրեց գրպանն ու մոտեցավ կրակարանին, կռացավ, մի փայտածուխ վերցրեց, մատների մեջ խաղացնելով փչեց, հրահրեց և, սիգարետը վառելուց հետո, նորից գցեց կրակարանը։
 +
 +
Երբ վերստին նստեց ու խցիկի պատին կռթնած սկսեց ծխել իր սիգարետը, Ռոբերտ Ջորդանը Յեյս֊8 հեռադիտակով երկար նայում էր նրա դեմքին։ Հետո հեռադիտակն իջեցրեց և դրեց գրպանը։
 +
 +
Այլևդ չեմ նայելու նրան, ասաց ինքն իրեն։
 +
 +
Պառկած սկսեց նայել ճանապարհին ու փորձեց ոչ մի բանի մասին չմտածել։ Ներքևում մի սկյուռ չկչկացրեց սոճու ճյուղերի մեջ, Ռոբերտ Ջորդանն սկսեց դիտել ծառի բնով իջնող սկյուռին, որը մի պահ կանգ առավ և դիտեց իրեն նայող մարդու ուղղությամբ։ Ռոբերտ Ջորդանը տեսավ սկյուռի փոքր ու փայլփլուն աչքերը, հուզմունքից ցնցվող պոչը։ Սկյուռը թռավ ցած, երկար, ծուռումուռ ոստյուններով, պոչն այս ու այն կողմ գցելով մոտեցավ մի ուրիշ ծառի։ Ծառի բնով մագլցելիս վերստին կանգ առավ ու նայեց Ռոբերտ Ջորդանին, հետո իրեն գցեց մյուս երեսն ու կորավ տեսադաշտից։ Մի փոքր անց Ռոբերտ Ջորդանը նորից լսեց սկյուռի չկչկոցը, որն արդեն գալիս էր վերևի ճյուղերից, կրկին երևաց՝ փռվել էր բերանքսիվայր մի ճյուղի երկայնքով, իսկ պոչը վեր֊վեր էր գցում։
 +
 +
Սոճիների միջով Ռոբերտ Ջորդանը նորից նայեց ներքև՝ ժամապահի խցիկին։ Հանկարծ մի ցանկություն առաջացավ նրա մեջ՝ սկյուռը կողքին, գրպանում ունենալու ցանկություն, մի բան, որին կարելի է ձեռք տալ, դիպչել։ Արմունկները ետ ու առաջ սահեցրեց ասեղնատերևների վրայով, բայց՝ չէ, դա այն զգացողությունը չէր։ Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ աստիճանի մենակ է զգում մարդն իրեն, երբ սկսում է այսպիսի գործ կատարել։ Ասենք ինչո՞ւ ոչ ոքի, ինձ, օրինակ, հայտնի է։ Հույս ունեմ, որ նպատակս ողջ֊առողջ դուրս կգա այս թոհուբոհից։ Հիմա դա թո՛ղ։ Թո՛ղ, անպայման թո՛ղ։ Բայց հուսալ կարող եմ, չէ՞, դե իմ ասածն էլ դա է։ Հույս ունեմ, որ հաջողությամբ կպայթեցնեմ կամուրջը, և նա էլ ողջ֊առողջ դուրս կգա այս թոհուբոհից։ Այո՛։ Անշուշտ։ Հենց այսքան։ Այս է այն ամենը, ինչ ուզում եմ ես այժմ։
 +
 +
Հիմա նա պառկել էր այդտեղ ու նայում էր ճանապարհից, ժամապահների խցիկից այն կողմ, հեռավոր լեռներին։ Մի՛ մտածիր, բոլորովին մի՛ մտածիր, ասաց ինքն իրեն։ Հանգիստ պառկեց ու դիտեց բացվող առավոտը։ Ամառային հրաշալի առավոտ էր, իսկ հիմա, մայիսի վերջին, շատ կանուխ էր բացվում։ Կաշվե վերարկուով և կաշվի սաղավարտով մի մոտոցիկլիստ, ձախ ազդրին՝ պատյանի մեջ դրված մի ավտոմատ, կամրջի վրայով եկավ ու քշեց֊գնաց վերև։ Հետո կարմիր խաչի մի մեքենա եկավ ու իրենից մի քիչ ներքևով նույնպես վերև գնաց։ Այդքան։ Ուրիշ ոչ մի մեքենա չշարժվեց այլևս ճանապարհով։ Հիմա նրա ռունգերը սոճու բույրով էին լցվել, ականջների մեջ գետակի աղմուկն էր, դիմացը՝ կամուրջը, որ այնպես պայծառ ու գեղեցիկ էր առավոտյան լույսերի մեջ։ Նա պառկել էր սոճու բնի ետևը, ավտոմատը դրել էր ձախ թևին ու այլևս չէր նայում ժամապահի խցիկին։ Ի՞նչ կարող է պատահել մայիսյան այսպիսի հրաշալի առավոտով, և հանկարծ լսվեցին իրար ետևից պայթող ռումբերի թնդյուններ։
 +
 +
Հենց որ լսեց ռումբերի առաջին պայթյունները, խոր շունչ քաշեց, էլ չսպասեց, որ լեռներից տարածվող արձագանքի դղրդոցներն հասնեն, ավտոմատը վերցրեց թևի վրայից, որը զենքի ծանրությունից ընդարմացել էր, և մատները դժվարությամբ էին բացվում ու փակվում։
 +
 +
Խցիկում նստած ժամապահը երբ ռուբերի ձայնն առավ, վեր կացավ։ Ռոբերտ Ջորդանը տեսավ, որ նա վերցրեց հրացանը և, ականջն աղմուկին, դուրս եկավ։ Արևի շողերի տակ կանգնեց ճանապարհին։ Գործած գլխարկը թեքվել էր, արևն ընկել էր մազակալած դեմքին, որովհետև հայացքը բարձրացրել էր երկինք, դեպի ռմբակոծող ինքնաթիռները։
 +
 +
Մառախուղն արդեն ցրվել էր, և Ռոբերտ Ջորդանը պարզ, որոշակի տեսնում էր նրան՝ արևի շողերի մեջ, ճանապարհին, հայացքը դեպի երկինք։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը զգաց, որ դժվարությամբ է շնչում, կրծքավանդակը կարծես երկաթյա լարով կապկված լիներ, արմունկներով ամուր հենված հատակին, զենքի բռնակի խորդուբորդության զգացողությունը մատների տակ, նա նշան բռնեց ուղիղ ժամապահի կրծքի կենտրոնին և կամաց քաշեց ձգանը։
 +
 +
Զենքը հետընթաց հատու և թեթև մղումով հարվածեց ուսին, իսկ ճանապարհին կանգնած մարդը, շվար ու վիրավոր, ընկավ ծնկների վրա, հետո ճակատով խփվեց հատակին։ Հրացանն ընկավ կողքին, մատը մնաց ձգանի վրա, բազուկը շուռ եկավ։ Բերանքսիվայր ճանապարհին ընկած մարդուց Ռոբերտ Ջորդանը հայացքը տեղափոխեց դեպի կամուրջ, դեպի հեռավոր ծայրի խցիկը։ Մյուս ժամապահը չէր երևում, և նա հայացքը սարալանջով տարավ ցած, այնտեղ, ուր Ագուստինն էր դարան մտել։ Հետո լսեց Անսելմոյի կրակոցը, որն արձագանքվեց անդունդում։ Լսեց և երկրորդ կրակոցը։
 +
 +
Դրանից հետո կամրջի ներքևի ոլորանի կողմից նռնակների պայթյուններ լսվեցին։ Այնուհետև դարձյալ պայթյուններ եղան, բայց արդեն ձախ կողմում։ Քիչ անց ներքևից կրակոցներ լսեց, Պաբլոյի ավտոմատի տըկ֊տըկ֊տըկ տկտկոցն էր, որ հասնում էր նռնակների որոտի միջով։ Երևաց Անսելմոն, նա գայթելով վազում էր սարալանջն ի վար՝ դեպի կամրջի հեռավոր ծայրը։ Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, ավտոմատը դրեց ուսին, ծառաբնի ետևից վերցրեց ուսապարկերը, որոնց ծանրությունից թվում էր, թե ուսերի ջլերը ուր որ է կպոկվեն, և թեք սարալանջով օրորվելով վազեց ներքև։
 +
 +
Վազելիս լսեց, որ Ագուստինը «Buena caza, Ingles, buena kaza» է գոռում։ «Հաջող որս, ինչո՞ւ չէ, գրողը տանի, հաջող որս», ասաց ինքն իրեն, և այդ պահին կամրջի հեռավոր ծայրից լսեց Անսելմոյի կրակոցի ձայնը, որ զնգզնգաց պողպատյա ձողակառույցում։ Ուսապարկերի ծանրության տակ օրորվելով շրջանցեց ճանապարհին ընկած ժամապահի մարմինը և վազեց դեպի կամուրջը։
 +
 +
Ծերունին, հրացանը ձեռքին, վազում էր իրեն ընդառաջ։ «sin novedad», գոռաց նա։ «Ոչինչ չի պատահել։ Tuve que rematarlo: Ստիպված էի վերջ տալու նրան»։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը չոքեց կամրջի կենտրոնում, բաց արեց ուսապարկերն ու սկսեց իրերը հանել, երբ նայեց Անսելմոյին, տեսավ, որ նրա այտերի վրայով արցունքների կաթիլները իջնում են սպիտակած մորուքի մեջ։
 +
 +
― Yo mate un tambien, ― ասաց Անսելմոյին։ ― Ես էլ մեկին սպանեցի, ― և գլխով ցույց տվեց ճանապարհին ընկած ժամապահի կծիկ դարձած դիակը։
 +
 +
― Այո՛, բարեկամս, այո՛, ― ասաց Անսելմոն։ ― Ստիպված ենք սպանելու և սպանում ենք։
 +
 +
Կամրջի ձողակառույցով Ռոբերտ Ջորդանն սկսեց իջնել։ Մետաղը սառն էր, ձեռքերը թրջվում էին ցողից, ստիպված էր զգույշ իջնել։ Ոտքերին հենակետեր որոնելով՝ իջնում էր նա ու զգում էր, թե ինչպես է արևը ջերմացնում մեջքը, լսում էր ներքևից եկող գետակի ձայնը և վերևի պահակակետից հասնող ուժեղ կրակոցները։ Լավ քրտնել էր, իսկ կամրջի տակը ցուրտ էր։ Մի ձեռքով լարի կծիկն էր բռնել, մյուս բազուկին աքցանն էր կապված։
 +
 +
― Պայթուցիկ տուր, viejo, ամեն ուզելիս մի տուփ, ― ասաց Անսելմոյին։ Ծերունին բազիրքի վրայով ցած կախվեց ու ամեն ուզելիս պայթուցիկի երկարավուն մի քառակողիկ էր տալիս, իսկ Ռոբերտ Ջորդանը տեղադրում էր ու ամրացնում։ ― Սեպերը, ծերո՛ւկ։ Սեպ տուր։ ― Շնչելով նորատաշ փայտի բույրը՝ սեպերը մխում էր քառակողիկների ու մետաղյա ձողերի արանքը, որպեսզի չշարժվեն։
 +
 +
Հիմա նա տարված էր իր գործով, ուղեղում միայն պայթեցումն էր, տեղադրում էր պայթուցիկները, սեպերը մխում, լարերով պինդ կապկպում, գործում էր արագ, հմտորեն, վիրաբույժի պես։ Ճանապարհի ներքևի մասից կրակրոցներ լսեց։ Հետո նռնակի պայթյուն, դարձյալ պայթյուն, որը խլացրեց գետակի աղմուկը, և այլևս ոչինչ չլսվեց այդ կողմից։ Գրողը տանի, մտածեց նա։ Տեսնես այդ ի՞նչ եղավ դրանց։
 +
 +
Վերևի պահակակետում կրակոցները դեռ շարունակվում էին։ Ինչո՞ւ այդ գրողի տարած կրակոցներն այդքան երկար տևեցին, մտածեց նա կողք֊կողքի դրված երկու նռնակ կապելով իրար։ Նռնակները դրեց պայթուցիկների քառակողիկների վրա, լարերով կապեց, որպեսզի չշարժվեն ու ընկնեն, լարերը աքցանով ոլորեց, ձգեց, հետո ստուգեց ամրությունը, և որպեսզի ավելի հուսալի լինի, մի սեպ էլ մխեց պողպատյա ձողի ու պայթուցիկի արանքը։
 +
 +
― Հիմա մյուս կողմը, vijeo, ― գոռաց Անսելմոյին ու ձողի արանքներով անցավ կամրջի մյուս երեսը։ Իսկական Տարզան, պողպատի անտառում, մտածեց նա, և, դուրս հանելով գլուխը, տեսավ պայթուցիկը ձեռքին կռացած Անսելմոյի դեմքը։ Գրողը տանի, ինչ լավ դեմք ունի, մտածեց նա։ Արդեն չի լալիս։ Լավ է, լավ։ Մի կողմն արեցինք։ Այս կողմն էլ հիմա կանենք։ Այնպես օդ բարձրանա, քար֊քարի վրա չմնա։ Դե գործի՛ր։ Մի ոգևետվի՛ր։ Գործդ արա։ Մաքուր և արագ, ոնց որ այն երեսը։ Մի՛ հապաղիր։ Ոչ էլ աճապարիր։ Մի՛ ջանա չափից ավելի արագ անել։ Ամենից կարևորն արդեն արված է։ Մի կողմը երբ էլ ուզես կարող ես պայթեցնել։ Գործդ առաջ է գնում։ Բայց լավ ցուրտ է այստեղ, աստված վկա, ոնց որ գինու մառանում, մաքուր է, ոչ մի կեղտ։ Քարե կամուրջների տակ քայլ չես կարող գցել, միշտ լիքը կղանք է։ Սա երազ֊կամուրջ է։ Չէ մի։ Երազ գտար։ Ծերունու վիճակը վերևում ավելի վատ է, քան իմն այստեղ։ Չաճապարես։ Կարծում եմ, որ կրակոցները շուտով կդադարեն։ «Սեպ տուր,viejo: Չէ, լավ չէ, որ կրակոցները շարունակվում են։ Երևում է Պիլարը դժվարության է հանդիպել։ Հավանաբար ժամապահներից մեկնումեկը դրսում է եղել։ Կամ ճանապարհի վրա, կամ էլ սղոցարանի ետևը։ Տակավին շարունակում են կրակել։ Նշանակում է սղոցարանում դեռևս մարդ կա։ Այդ անիծյալ փայտաթեփն է պատճառը։ Փայտաթեփի այդ հսկայական դեզերն են։ Կարելի է լավ դիրք մտնել դրանց ետևը և հրաշալի պաշտպանվել։ Երևում է, որ դեռ մի քանի հոգի մնացել են։ Պաբլոյի կողմը լուռ է։ Տեսնես այն կրակոցներն ինչ էին, այն, որ երկրորդ անգամ լսեցի։ Երևի մեքենա է անցել կամ մոտոցիկլ։ Աստված չանի, որ հիմա զրահապատ մեքենա կամ տանկ գա։ Գործդ արա։ Արա ինչքան կարող ես արագ, տեղադրիր, սեպերով ամրացրու, կապկպիր, արագ շարժվիր։ Դողում ես ոնց որ կնիկ։ Գրողը տանի, ի՞նչ է պատահել քեզ։ Ասացի չաճապարես։ Գրազ կգամ, որ այդ անիծյալ կինը չի դողում հիմա, այնտեղ, վերևում։ Այդ Պիլարը։ Գուցե նա էլ, հա՞։ Կրակոցներից այնպես է երևում, որ վիճակը ծանր է։ Եթե այսպես շարունակվի, նա էլ կդողա։ Ինչպես ամեն մի հողածին։
 +
 +
Ձգվեց, գլուխը հանեց կամրջի ստվերի տակից և ձեռքն երկարեց, որպեսզի վերցնի Անսելմոյի տվածը, ու գետակի աղմուկը միանգամից թուլացավ, կրակոցների ձայնն ավելի ուժգնացավ, հետո նռնակների պայթյուններ լսվեցին։ Նորից։ Դարձյալ։
 +
 +
― Սա նշանակում է, որ ներխուժեցին սղոցարան։
 +
 +
Ինչ լավ է, որ քառակողիկ պայթուցիկներ եմ բերել և ոչ թե ձողիկներ, մտածեց նա։ Գրողը տանի, ի՞նչ տարբերություն։ Դե սրանք ավելի հարմար են։ Թեև եթե այն դոնդողանման անպետքությունը լիներ, պարկերի մեջ լցված, ավելի արագ կարելի էր անել ամեն ինչ։ Երկու պարկ։ Չէ։ Մեկն էլ բավական էր։ Մեկ էլ դետոնատորներ լինեին և իմ մաշված պայթուցիչը։ Այդ պոռնիկի ծնունդը պայթուցիչս գցել է գետը։ Արկղն էլ, մնացած իրերն էլ։ Ա՛յ այս գետը։ Այդ պոռնիկի ծնունդ Պաբլոն։ Հիմա ներքևի պահակակետի ֆաշիստներին դժոխքի ծոցն է ուղարկել արդեն։
 +
 +
― Դրանցից մի քանի հատ էլ տուր։
 +
 +
Ծերուկը լավ է գործ անում։ Վերևում նա հիմա ոչինչ, վատ չէ։ Իր կամքին հակառակ սպանեց ժամապահին։ Ես նույնպես։ Բայց դա իմ ուղեղը չէր զբաղեցնում։ Ոչ էլ հիմա եմ դրա մասին մտածում։ Այսպես է, պիտի սպանես։ Բայց գիտես, չէ՞, որ Անսելմոյի ձեռքին հրացան էր։ Այո՛, գիտեմ, թե ինչ բան է հրացանը։ Ավտոմատով մարդ սպանելը ավելի հեշտ է։ Հեշտ որ ասում եմ, սպանողին նկատի ունեմ։ Ավտոմատը ուրիշ է։ Դու միայն ձգանին ես դիպչում, մնացածը ինքն է անում։ Ոչ թե դու։ Այդ գյուտդ լավ պահիր, մի օր կզարգացնես։ Ա՛յ, թե գլուխ է։ Այս ի՜նչ հիանալի, խորհող գլուխ ունես, ծերուկ Ջորդա՛ն։ Գլորի՛ր, Հորդանա՛ն։ Գլորի՛ր։ Այդպես էին դպրոցում ձայնարկում, երբ ֆուտբոլի ժամանակ դու գլորելով տանում էիր գնդակը։ Բայց դու գիտե՞ս, որ այդ գրողի տարած Հորդանանը այս ցածի գետակից այնքան էլ մեծ չէ։ Դու երևի նկատի ունես վերին հոսանքը, ակունքի մոտ։ Ակունքի մոտ ամեն ինչ այդպես է։ Բայց ինչ լավ է այստեղ, կամրջի տակ։ Շատ լավ է։ Ոնց որ տանը լինես, թեև տանը չես։ Դե՛, Հորդանա՛ն, քեզ հավաքի՛ր։ Վիճակը լուրջ է, Հորդանա՛ն։ Չե՞ս հասկանում։ Ասում եմ լուրջ է։ Հիմա արդեն քիչ մնաց։ Նայիր մյուս կողմը։ Para que?<ref>Ինչի՞ համար (իսպ․):</ref> Հիմա արդեն ինչ էլ լինի, կամուրջը պայթելու է։ Ինչ նվագեմ, այն էլ պարելու է։ Ոնց Մեյնը, այնպես էլ մյուս նահանգները։ Ոնց Հորդանանը, այնպես էլ իսրայելցիները։ Այսինքն կամուրջը։ Ջորդանը դուրս կգա, կամուրջը կգնա։
 +
 +
― Մի քանի հատ էլ տուր Անսելմո՛, իմ լավ բարեկամ, ― ասաց նա։ Ծերունին գլխով արեց։ Վերջացնում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Ծերունին դարձյալ գլխով արեց։
 +
 +
Նռնակները լարերով կապում էր և արդեն ճանապարհի վերևից եկող կրակոցների ձայները չէր լսում։ Հանկարծ զգաց, որ ականջների մեջ միայն գետակի աղմուկն է։ Ցած նայեց և տեսավ քարերին զարկվող սպիտակափրփուր ջրերը, որոնք հոսում էին, լցվում փոքրիկ, ջինջ լճակը, որտեղ իր ձեռքից ընկած փայտե սեպը շրջանակներ էր գծում։ Մեկ էլ սեպի կողքին երևաց մի կարմրախայտ, որն ինչ֊որ միջատ էր որսում։ Երբ աքցանով նռնակների շուրջը փաթաթած լարն էր ձգում, կամրջի մետաղաձողերի արանքով հայացքն ընկավ արևով ողողված կանաչ սարալանջերին։ Երեք օր առաջ շագանակագույն էին, մտածեց նա։
 +
 +
Կամրջի տակի ցուրտ խավարից գլուխն հանեց, ձգվեց արևի շողերի մեջ ու գոռաց կռացած Անսելմոյին․
 +
 +
― Մեծ կծիկով լարը տուր։ ― Ծերունին տվեց կծիկը։
 +
 +
Միայն թե, աստված կսիրես, զգույշ, ժամանակից շուտ չձգես, թե չէ կպոկես օղակը։ Ափսոս հնարավոր չէ լարը ուղիղ քաշել։ Բայց ոչինչ, երկար է, մտածեց Ռոբերտ Ջորդանը, երբ մատներով ստուգում էր նռնակների լծակներին միացված օղակների պահանակները։ Նա նայեց, թե արդյոք պահանակը ձգելիս անհրաժեշտ չափով տարածություն ազատվում է նռնակների լծակների համար (ամրացնող լարը լծակների տակով էր անցնում), հետ կծիկի լարի ծայրը կապեց օղակներից մեկին, միացրեց երկրորդ նռնակի օղակից ձգված գլխավոր լարին, կծիկը մի փոքր  ետ տվեց, անցկացրեց պողպատյա ձողից այն կողմ ու երկարեց Անսելմոյին։
 +
 +
― Բռնի՛ր։ Զգո՛ւյշ, ― ասաց նա։
 +
 +
Բարձրացավ, կծիկն առավ ծերունու ձեռքից ու, կծիկը բացելով, ինչքան կարող էր արագ գնաց դեպի սպանված ժամապահի կողմը։ Քայլում էր կամրջի բազիրքի վրա կռացած ու կծիկը անընդհատ ետ էր տալիս։
 +
 +
― Ուսապարկերը բեր, ― ասաց Անսելմոյին ու ետ֊ետ գնալիս մի պահ կանգ առավ, վերցրեց ավտոմատն ու գցեց ուսին։
 +
 +
Այդ պահին էլ նկատեց վերևի պահակակետից վերադարձողներին։
 +
 +
Չորս հոգի էին։ Ուշադրությունը վերստին բևեռեց լարին, որպեսզի չոլորվի կամ չասռի կամրջի դուրս եկած մասերին։ Էլադիոն չկար վերադարձողների մեջ։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը լարը քաշեց բերեց մինչև կամրջի ծայրը, վերջին հենաձողի վրա մի օղակ տվեց ու վազեց֊գնաց հասավ ճամփեզրի սպիտակ ներկված քարին։ Լարը կտրեց ու ծայրը տվեց Անսեմոյին։
 +
 +
― Պահի՛ր, viejo, ― ասաց։ ― Հիմա լարը կծկելով արի իմ ետևից։ Չէ՛։ Տո՛ւր, ես կանեմ։
 +
 +
Կամրջի ծայրին հենաձողի վրա արած օղակը բացեց։ Լարը հիմա ուղիղ և անարգել ձգվում էր մինչև նռնակներին միացված օղակը։ Լարը տվեց Անսելմոյին։
 +
 +
― Հիմա գնա մինչև այն վերևի քարը, ― ասաց նրան։ ― Ամուր պահիր, բայց չձգես։ Եթե շատ ուժեղ ձգես, կամուրջը կպայթի։ Comprendes?<ref>Հասկանո՞ւմ ես (իսպ․)</ref?
 +
 +
― Այո։
 +
 +
― Իսկ երբ ձգելու պահը գա, ձգիր, ոնց որ պետք է։ Մի՛ քաշքշիր։
 +
 +
Խոսելիս Ռոբերտ Ջորդանը նայում էր ճանապարհին, որտեղով գալիս էին Պիլարի խմբից ողջ մնացածները։ Մոտիկ էին արդեն, և նա տեսավ, որ Պրիմիտիվոն ու գնչուն երկու կողքերից գրկած բերում են Ֆերնանդոյին։ Ըստ երևույթին որովայնից էր վիրավորվել, որովհետև ձեռքը դրել էր փորի վրա։ Աջ ոտքը քարշ էր տալիս, կոշիկը քերում էր ճանապարհի երեսի փոշին։ Պիլարը, երեք հրացան ուսին, զառիթափով բարձրանում էր անտառ։ Ջորդանը նրա դեմքը չէր տեսնում, բայց տեսնում էր, որ նա գլուխը բարձր պահած և ինչքան կարող է արագ բարձրանում է։
 +
 +
― Ո՞նց եք, ― ձայն տվեց Պրիմիտիվոն։
 +
 +
― Լավ։ Վերջացնում ենք, ― պատասխանեց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
Հարկ չկար հարցնելու, թե նրանք ոնց են։ Երբ նորից ետ նայեց, նրանք երեքով կանգնած էին ճափեզրին, և Ֆերնանդոն գլուխը թափ էր տալիս, չէր ուզում բարձրանալ։
 +
 +
― Թողե՛ք այստեղ։ Մի հրացան տվե՛ք ու գնացե՛ք, ― լսեց Ռոբերտ Ջորդանը նրա հեղձուկ ձայնը։
 +
 +
― Չէ՛, hombre: Մենք քեզ կտանենք վերև, ձիերի մոտ։
 +
 +
― Ի՞նչ եմ անելու ձիերի մոտ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Այստեղ լավ է։ ― Խոսակցության շարունակությունը Ռոբերտ Ջորդանը չլսեց, որովհետև Անսելմոյի հետ էր խոսում։
 +
 +
― Եթե տանկեր գան, պայթեցրո՛ւ, ― ասում էր նա։ ― Բայց սպասիր այնքան, մինչև որ կամրջի վրա կլինեն։ Ուրիշ ինչ էլ գա, թող Պաբլոյին։
 +
 +
― Քանի կամրջի տակից դուրս չես եկել, չեմ պայթեցնի։
 +
 +
― Դու ինձ մի՛ նայիր։ Եթե անհրաժեշտ լինի, պայթեցրո՛ւ։ Հիմա ես մյուս լարն էլ կմիացնեմ ու կվերադառնամ։ Այն ժամանակ արդեն երկուսով միասին կպայթեցնենք։
 +
 +
Նա վազեց դեպի կամրջի կենտրոնը։
 +
 +
Անսելմոն նայում էր Ռոբերտ Ջորդանին, որը մի ձեռքին լարի կծիկը բռնած, մյուս բազուկից տափաքցանը կախված և ավտոմատը ուսին վազում էր։ Տեսավ, թե ինչպես ձողերից կառչելով նա սկսեց իջնել ու հետո կորավ տեսադաշտից։
 +
 +
Անսելմոն լարի ծայրը պահել էր աջ ձեռքին, չոքել էր քարի ետևը ու նայում էր ճանապարհին, կամրջին։ Կամրջի և իր արանքում ժամապահի դիակն էր, արևն ընկել էր նրա մեջքին, և նա կարծես կպել էր ճանապարհի հարթ մակերեսին։ Հրացանն ընկած էր կողքին՝ սվինի սուր սայրն ուղղված իրեն՝ Անսելմոյին։ Ծերունին հայացքը շրջեց դեպի կամրջի հարթ, եզերող ճաղերի ստվերներով կտրատված հատակը, ապա այնտեղ, ուր ճանապարհն անդունդի եզրով գնում, թեքվում է ձախ և անցնում ապառաժուտ քարափի ետևը։ Նա նայեց կամրջի հեռավոր ծայրին արևի տակ կանգնած խցիկին, հետո, առանց մոռանալու, թե ինչու է պահել լարը, շրջվեց Ֆերնանդոյի, Պրիմիտիվոյի ու գնչուի կողմը։
 +
 +
― Թողե՛ք ինձ այստեղ, ― ասում էր Ֆերնանդոն։ ― Շատ է ցավում, ներքին արյունահոսություն է։ Զգում եմ շարժվելիս։
 +
 +
― Թո՛ղ տանենք, տանենք վերև, անտառ, ― ասում էր Պրիմիտիվոն։ ― Դու թևերդ գցիր մեր ուսերին, իսկ մենք ոտքերդ կպահենք։
 +
 +
― Անոօգուտ է, ― ասում էր Ֆերնանդոն։ ― Այստեղ մի քարի ետև դրե՛ք ինձ ու գնացե՛ք։ Ես այստեղ ավելի օգտակար կլինեմ, քան վերևում։
 +
 +
― Իսկ եթե մեկնելու լինե՞նք, ― ասում էր Պրիմիտիվոն։
 +
 +
― Թողե՛ք այստեղ, ― ասում էր Ֆերնանդոն։ ― Սրանով էլ ի՞նչ մեկնել։ Ավելորդ տեղը ձի զբաղեցնել։ Այստեղ շատ լավ է։ Հիմա ուր որ է, կգան։
 +
 +
― Մենք կարող ենք քեզ վերև տանել, ― ասում էր գնչուն։ ― Դժվար չէ։
 +
 +
Բնական է, գնչուն շտապում էր, շտապում էր և Պրիմիտիվոն, բայց, այդուհանդերձ, նրանք Ֆերնանդոյին բերել էին, չէին թողել։
 +
 +
― Չէ՛, ― ասում էր Ֆերնանդոն։ ― Կմնամ։ Այստեղ լավ է։ Էլադիոն ի՞նչ եղավ։
 +
 +
Գնչուն մատը տարավ գլխին, ցույց տալու, թե որ մասում է եղել վերքը։
 +
 +
― Այստեղ, ― ասաց նա։ ― Քեզանից հետո։ Երբ ներխուժեցինք։
 +
 +
― Գնացե՛ք, ― ասաց Ֆերնանդոն։ Անսելմոն տեսնում էր, որ նա շատ է տանջվում։ Հիմա երկու ձեռքերը դրել էր որովայնին, գլուխը գցել էր ետ՝ ճամփեզրի թմբին, ոտները մեկնել էր առաջ։ Դեմքը գորշ գույն էր ստացել և քրտինքով էր պատվել։
 +
 +
― Թողե՛ք ինձ, խնդրում եմ, շնորհ արե՛ք, ― ասաց նա։ Աչքերը ցավից փակվել էին, շրթունքները թրթռում էին։ ― Ես այստեղ շատ լավ եմ։
 +
 +
― Ահա քեզ հրացան ու փամփուշտներ, ― ասաց Պրիմիտիվոն։
 +
 +
― Ի՞մն է, ― աչքերը փակ հարցրեց Ֆերնանդոն։
 +
 +
― Չէ, քոնը Պիլարի մոտ է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Սա իմն է։
 +
 +
― Իմը կնախընտրեի, ― ասաց Ֆերնանդոն։ ― Սովոր եմ նրան։
 +
 +
― Կբերեմ, ― ասաց գնչուն։ ― Առայժմ սա թող մնա։
 +
 +
― Այստեղ հարմար է, ― ասաց Ֆերնանդոն։ ― Կամուրջն էլ աչքի առաջ, ճանապարհն էլ։ ― Աչքերը բացեց, նայեց կամրջին, հետո, երբ ցավը սաստկացավ, նորից փակեց։
 +
 +
Գնչուն ձեռքը խփեց իր գլխին ու բութ մատով նշան արեց Պրիմիտիվոյին, որ գնան։
 +
 +
― Մենք կվերադառնանք, ― ասաց Պրիմիտիվոն Ֆերնանդոյին և գնաց գնչուի ետևից, որն արագ բարձրանում էր զառիթափով։
 +
 +
Ֆերնանդոն պառկել էր ճամփեզրի սպիտակ ներկված մի քարի ետևը և գլուխը դրել թմբին։ Ոտքերը, որովայնի վիրակապված վերքին սեղմված ձեռքերը արևի տակ էին։ Գլուխը ստվերում էր։ Հրացանը դրված էր կողքին։ Երեք պահունակ փամփուշտ պսպղում էին արևի շողերի տակ։ Ձեռքի վրայով մի ճանճ էր քայլում, բայց վերքի ուժեղ ցավից ճանճի կծոցը չէր զգում։
 +
 +
― Ֆերնանդո, չոքած տեղից գոռաց Անսելմոն։ Նա լարի ծայրը օղակ էր արել ու գցել բազուկին։
 +
 +
― Ֆերնանդո, ― գոռաց երկրորդ անգամ։
 +
 +
Ֆերնանդոն աչքերը բացեց ու նայեց նրան։
 +
 +
― Ո՞նց են գործերը, ― հարցրեց Ֆերնանդոն։
 +
 +
― Շատ լավ, ― ասաց Անսելմոն։ ― Շուտով, մի քանի րոպեից կպայթեցնենք։
 +
 +
― Ուրախ եմ։ Եթե որևէ կարիք ունեք, ասա՛, ― ասաց Ֆերնանդոն և սաստկացող ցավից նորից փակեց աչքերը։
 +
 +
Անսելմոն գլուխը շրջեց ու նայեց կամրջի կողմը։
 +
 +
Ամսելմոն նայում էր, թե երբ կամրջի տակից դուրս կցցվի լարի կծիկը, հետո կերևա արևառ մազերով ու դեմքով Ingles֊ը, որ կձգվի ու իրեն կգցի կամրջի վրա։ Միաժամանակ նայում էր կամրջի մյուս ծայրին, արդյոք որևէ բան չի՞ գալիս։ Նա հիմա բոլորովին չէր վախենում, և այս ամբողջ օրը վախը ոչ մի անգամ վախ չէր զգացել։ Այնքան արագ ու բնական է լինում ամեն ինչ, մտածեց նա։ Ժամապահին ես չէի ուզում սպանել և տանջվում էի, բայց դա էլ արդեն անցավ։ Ո՞նց էր Ingles֊ն ասում, որ մարդ խփել, թե կենդանի՝ նույն բանն է։ Ես երբ որս էի անում, տրամադրությունս բարձրանում էր, ինձ մեղավոր չէի զգում։ Բայց երբ մարդ ես սպանում, նույն զգացողությունն ես ունենում, ինչ հասուն տարիքում եղբորդ խփելիս։ Բա որ ստիպված ես լինում մի քանի անգամ կրակելո՞ւ, որպեսզի սպանես։ Չէ՛, լավ է դրա մասին չմտածես։ Շատ ես տանջվում։ Ո՞նց էիր կնկա նման լաց լինելով վազում կամրջի երկայնքով։
 +
 +
Հիմա արդեն արել ես, վե՛րջ, թողության մասին հետո կմտածես, և՛ սրա համար, և՛ մյուս մեղքերիդ։ Իսկ ինչ վերաբերվում է հիմիկվան, ապա քեզ տրվել է այն, ինչ խնդրում էիր երեկ երեկոյան սարալանջով տուն վերադառնալիս։ Կռիվ է, էլ ուրիշ բանի մասին մի՛ մտածիր։ Հիմա եթե մեռնեմ էլ՝ ոչինչ։
 +
 +
Նա նայեց Ֆերնանդոյին, որը պառկել էր ճամփեզրին՝ ձեռքերը փորին, շրթունքները կապտած, աչքերը փակ։ Նա հեևում էր։ Եթե մեռնելու լինեմ, մտածեց Անսելմոն, թող լինի միանգամից։ Ուրիշ ոչինչ չեմ խնդրում, ո՛չ։ Միայն այդքան, միայն այդ։ Հասկանո՞ւմ ես։ Ուրիշ ոչինչ, ոչինչ և ոչ մի կերպ։ Տո՛ւր, ինչ խնդրում եմ, և այնուհետև վարվի՛ր, ինչպես որ հարմար ես գտնում։
 +
 +
Նա ականջ դրեց հեռու կիրճից եկող մարտի ձայներին և ասաց ինքն իրեն՝ այս օրն իսկապես նշանավոր է։ Ես այս օրը պետք է կարողանամ հասկանալ ու պատկերացնել։
 +
 +
Բայց սիրտն այլևս չէր ելնում, չէր թրթռում։ Ամեն ինչ անցել էր, ու մի հանգստություն էր իջել։ Հիմա, երբ լարի օղակած ծայրը հագցրել էր բազկին ու ձեռքով ամուր պահած չոքել էր ճամփեզրի քարի ետևը, նա իրեն մենակ չէր զգում, չուներ մենակության ոչ մի զգացում։ Նա դարձել էր մի ամբողջություն իր ձեռքի լարի, կամրջի և Ingles֊ի հետ, որը տակավին աշխատում էր կամրջի տակ, մի ամբողջություն տեղի ունեցող մարտերի հետ, Հանրապետության հետ։
 +
 +
Ո՛չ մի հուզմունք։ Չորսբոլորը հանգիստ էր, արևն ընկել էր վզին և ուսերին, և երբ չոքած տեղից գլուխը բարձրացրեց ու նայեց վերև՝ անամպ երկնքին, հետո գետակի մյուս ափին բարձրացած լեռների լանջերին, տխրություն իջավ վրան, բայց մենակություն չզգաց, ոչ էլ վախ։
 +
 +
Սարալանջին, պառկած մի ծառի ետև, Պիլարը հսկում էր կիրճից ձգվող ճանապարհին։ Լիցքավորված երեք հրացան կար մոտը, մեկը մեկնեց Պրիմիտիվոյին, հենց որ նա վեր ընկավ կողքը։
 +
 +
― Գնա՛ այնտեղ, այն ծառի ետևը, ― ասաց նրան։ ― Գնչո՛ւ, դու էլ ա՛յ, այնտեղ, ― մատնացույց արեց մի ուրիշ ծառ ներքևում։ ― Մահացա՞վ։
 +
 +
― Չէ՛, դեռ ոչ, ― ասաց Պրիմիտիվոն։
 +
 +
― Բախտներս չբերեց, ― ասաց Պիլարը։ ― Երկու հոգի էլ ունենայինք, այդ բանը չէր պատահի։ Ախր պիտի սողալով անցներ թեփի կույտի ետևը։ Այնտեղ ո՞նց է, հարմա՞ր է տեղը։
 +
 +
Պրիմիտիվոն գլխով արեց։
 +
 +
― Ingles֊ը որ կամուրջը պայթեցնի, կտորներն այստեղ չե՞ն հասնի, ― հարցրեց գնչուն ծառի ետևից։
 +
 +
― Չգիտեմ, ― ասաց Պիլարը։ ― Բայց Ագուստինի գնդացիրը շատ ավելի մոտ է, քան դու։ Եթե հասնելու լինեին, Ingles֊ը նրան այդքան մոտ չէր նստեցնի։
 +
 +
― Բայց ես հիշում եմ, որ գնացքը պայթեցնելիս շոգեքարշի լամպը գլխիս վրայով անցավ, իսկ կտորները ծիծեռնակների նման թռչում էին կողքովս։
 +
 +
― Ի՜նչ բանաստեղծական հիշողություններ ունես, ― ասաց Պիլարը։ ― Ծիծեռնակների նման։ Joder! Ասա եռման կաթսայի։ Լսի՛ր, գնչո՛ւ, դու քեզ այսօր լավ ես պահել։ Արի այնպես մի արա, որ վախին գերի մնաս։
 +
 +
― Լավ, լավ, հարցրեցի՝ իմանամ, եթե հասնելու են, թաքնվեմ ծառի ետևը, ― ասաց գնչուն։
 +
 +
― Ոնց որ կաս, այդպես էլ մնա, ― ասաց Պիլարը։ ― Քանի՞ հոգի սպանեցինք այսօր։
 +
 +
― Դե, հինգը՝ մենք։ Երկուսն էլ այստեղ։ Մեկն այնտեղ է։ Տեսնո՞ւմ ես, կամրջի մյուս ծայրին։ Խցիկի մոտ։ Նայի՛ր։ Տեսա՞ր։ ― Մատով ցույց տվեց։ ― Ութն էլ ներքևը, Պաբլոյի մոտ։ Ես այնտեղ հետախուզության եմ եղել, Ingles֊ն էր ուղարկել։
 +
 +
Պիլարն ինչ֊որ բան մռթմռթաց, հետո կատաղած ասաց․
 +
 +
― Այդ Ingles֊ն ի՞նչ է անում։ Ի՞նչ է համը հանում այդ կամրջի տակ։ Կամուրջ շինելո՞ւ է գնացել, թե՞ քանդելու։ Vaya mandanga.<ref>Հայհոյանք (իսպ․)։</ref>
 +
 +
Գլուխը բարձրացրեց ու նայեց քարի ետևը չոքած Անսելմոյին։
 +
 +
― Հե՛յ, vijeo, ― գոռաց։ ― Քո այդ կեղտոտ Ingles֊ն ո՞ւր մնաց։
 +
 +
― Համբերի՛ր, կի՛ն, ― պատասխանեց Անսելմոն՝ լարը զգույշ և ամուր պահած ձեռքում։ ― Վերջացնում է։
 +
 +
― Բայց ինչո՞ւ, ասա, ի սեր ամենավերջին պոռնիկի, ասա, ինչո՞ւ է ձգձգում։
 +
 +
― Es muy concienzudo,<ref>Շատ բարեխիղճ է (իսպ․):</ref> ― գոռաց Անսելմոն։ ― Դա գիտական գործ է։
 +
 +
― Ես քո այդ գիտության կաթը, ― կատաղեց Պիլարը որպես իսկական գնչու։ ― Այդ կեղտոտ մռութը թող շուտ պայթեցնի, պրծնենք։ Մարիա՜, ― գոռաց իր խռպոտ ձայնով՝ շրջվելով դեպի վեր՝ անտառի կողմը։ ― Քո Ingles֊ը․․․ ― Եվ ամենակեղտոտ հայհոյանքների մի տարափ տեղաց Ջորդանի և կամրջի տակ նրա ենթադրյալ գործունեության հասցեին։
 +
 +
― Հանգստացի՛ր, կի՛ն, ― գոռաց Անսելմոն ճանապարհից։ ― Գիտե՞ս ինչ հսկայական աշխատանք է անում։ Հիմա, ուր որ է կվերջացնի։
 +
 +
― Գրողը դրան, ― մոլեգնում էր Պիլարը։ ― Թող արագ վերջացնի, դա է կարևոր։
 +
 +
Հենց այդ պահին Պաբլոյի գնացած կողմից կրակոցներ լսվեցին։ Պիլարը դադարեցրեց հայհոյանքներն ու ականջ դրեց։
 +
 +
― Ա՛յ, ― ասաց նա։ ― Ա՛յ։ Ա՛յ, ասում էի։ Ահա՛։
 +
 +
Ռոբերտ Ջորդանը լսեց կրակոցները, երբ մի ձեռքով բարձրացրել էր կծիկը և ձգվում էր վերև։ Ծնկերն արդեն դրել էր կամրջի երկաթյա եզրին և ձեռքով կառչել էր ճաղերից, երբ լսեց գնդացրի կրակոցները։ Դա Պաբլոյի ավտոմատի ձայնը չէր։ Կանգնեց, անցավ ճաղերի վրայով և կծիկն արագ ետ տալով՝ կամրջի բազիրքի երկայնքով գնաց դեպի ճանապարհը։
 +
 +
Լսում էր կրակոցները և քայլում, ամեն կրակոցի հետ զգում էր, թե ինչպես է կծկվում ստամոքսը, ինչպես է ձգվում ստոծանին։ Կրակոցները մոտենում էին, քայլելիս նայեց ետ, ճանապարհին, ոլորանի վրամ ո՛չ մեքենաներ էին երևում, ո՛չ տանկ, ո՛չ էլ մարդիկ։ Տարածության կեսը կտրել էր, իսկ ճանապարհը մաքուր էր տակավին։ Մաքուր էր, երբ կտրել էր տարածության երեք քառորդը։ Մաքուր էր, երբ լարը զգուշությամբ, որպեսզի որևէ բանի չասռի, անցնում էր ժամապահի խցիկի ետևով։ Ոտքը դրել էր ճանապարհին, և ներքևում ոչինչ չէր երևում տակավին, հետո սկսեց ճամփեզրի համարյա լցված առվակի երկայնքով ետ֊ետ գնալ, ինչպես եզրային խաղացողները, երբ ֆուտբոլի գնդակը երկար փոխանցումով ուղարկում են իրենց կողմը։ Լարը քիչ֊քիչ ձգելով հասել էր համարյա Անսելմոյին դիմացի քարին, իսկ ներքևում ճանապարհը մաքուր էր տակավին։
 +
 +
Հետո լսեց ճանապարհով ցած եկող բեռնատարի աղմուկը, ուսի վրայով նայեց, մեքենան սարալանջի կողքով իջնում էր, մի անգամ էլ լարը փաթաթեց ձեռքի վրա, «Պայթեցրու» գոռաց Անսելմոյին, կրունկները դեմ տվեց գետնին, մարմինը ետ գցեց, մի անգամ ևս լարը փաթաթեց ձեռքին ու ձգեց։ Վերևից լսվում էր բեռնատարի աղմուկը, դիմացը՝ ճանապարհին, ժամապահի դիակն էր ընկած, փոքր֊ինչ այն կողմ կամուրջն էր, ավելի հեռու՝ ճանապարհը, որտեղ ոչինչ չէր երևացել տակավին։ Հետո թնդյուն լսվեց, և կամրջի միջին հատվածը փշրվող ալիքի նման ծառացավ, և նա զգաց, թե ինչպես պայթյունից առաջացած քամին խփեց դեմքին, երբ գլուխը ձեռքերով ծածկված երեսնիվայր պառկեց առվակի մեջ։ Նա չտեսավ, թե ինչպես փուլ եկավ կամրջի ծառացած հատվածը, առավ միայն ծանոթ սուր հոտը, որ տարածվեց, և լսեց պողպատյա բեկորների տարափը։
 +
 +
Բեկորների տարափի դադարից հետո ողջ էր տակավին, բարձրացրեց գլուխը և նայեց կամրջին։ Միջին հատվածը փուլ էր եկել։ Պողպատյա ձողակառույցի ծռմռված ծայրերը փայլում էին, ճանապարհը ծածկված էր բեկորներով։ Մի հարյուր մետր վերև բեռնատարը կանգ էր առել։ Վարորդն ու երկու ուղեկիցները վազում էին դեպի ջրատարը։
 +
 +
Ֆերնանդոն դեռ պառկած էր ճանապարհի եզրին և դեռ շնչում էր։ Ձեռքերը թույլ ընկած էին կողքերին, մատները չռվել էին։
 +
 +
Անսելմոն երեսնիվայր պառկած էր ճամփեզրի սպիտակեցրած քարի ետևը։ Ձախ ձեռքը ծալված մնացել էր գլխի տակը։ Աջը ձգված էր առաջ։ Լարի օղակը աջ բազկին էր տակավին։ Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, անցավ ճանապարհը, չոքեց ծերունու կողքին և համոզվեց, որ մահացած է։ Չշրջեց նրան իմանալու համար, թե որ մասին է դիպել պողպատի բեկորը։ Մահացած էր, և վերջ։
 +
 +
Մահացած շատ փոքր է թվում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Փոքր էր թվում և ալեհեր, տեսնես, մտածեց Ռոբերտ Ջորդանը, ո՞նց էր շալակած տանում այդ ծանր֊ծանր բեռները, եթե սա է նա իրականում։ Հետո նայեց նախրապանի նեղ շալվարի տակ ձգված նրա սրունքներին, ազդրերին, նայեց ոտքերի պարանե ներբանով կոշիկներին, հետո վերցրեց հրացանը, երկու դատարկ ուսապարկերը, գնաց Ֆերնանդոյի մոտ, վերցրեց նաև նրա հրացանը։ Քայլելիս քացով խփեց ճանապարհին ընկած պողպատյա մի բեկորի, հետո հրացանները գցեց ուսին ու, փողերից բռնած, սկսեց սարալանջով անտառ բարձրանալ։ Ետ չնայեց, ոչ էլ կամրջից այն կողմ՝ ճանապարհին։ Ներքևում, ճանապարհի ոլորանից դենը, հրաձգությունը տակավին շարունակվում էր, բայց նա այլևս ուշադրություն չդարձրեց դրան։
 +
 +
Տրինիտրոտոլուլի ծխից հազում էր, զգում էր, որ ամբողջ մարմինը ընդարմացել է։
 +
 +
Հրացաններից մեկը դրեց Պիլարի կողքին։ Կինը նայեց և տեսավ, որ կողքին վերստին երեք հրացան կա։
 +
― Շատ հեռու եք եկել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ճանապարհի վրա հիմա մի բեռնատար է կանգնած, բայց այստեղից չի երևում։ Նրանց թվաց, թե ինքնաթիռները ռմբակոծեցին։ Պետք է իջնել։ Ես գնում եմ Ագուստինի հետ Պաբլոյին ծածկելու։
 +
 +
― Իսկ ծերո՞ւկը, ― հարցրեց կինը՝ հայացքն ուղղած Ռոբերտ Ջորանի դեմքին։
 +
 +
― Սպանվեց։
 +
 +
Թոքերը բերանը գալով նորից հազաց և թքեց գետնին։
 +
 +
― Կամուրջդ պայթեցվեց, Ingles, ― ասաց Պիլարն ու նայեց նրան։ ― Մի՛ մոռացիր դա։
 +
 +
― Ես ոչ մի բան չեմ մոռանում, ― ասաց նա։ ― Հզոր ձայն ունես, ― ասաց Պիլարին։ ― Լսում էի ներքևում։ Դե հիմա Մարիային գոռա՛, որ ես ողջ֊առողջ եմ։
 +
 +
― Սղոցարանում երկու հոգի կորցրինք, ― ասաց Պիլարը, փորձելով նրան հասկացնել։
 +
 +
― Տեսա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինչ֊որ հիմարությո՞ւն եք արել։
 +
 +
― Գիտե՞ս, Ingles, գնա՛, ես քո, ― ասաց Պիլարը։ ― Ֆերնանդոն և Էլադիոն մարդ էին, մեզ նման։
 +
 +
― Ինչո՞ւ չես գնում ձիերի մոտ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Այստեղ ինքս կարող եմ ծածկել, քեզնից լավ։
 +
 +
― Դու պետք է գնաս Պաբլոյին ծածկես։
 +
 +
― Ես քո Պաբլոյի։ Mierda֊յով թող ծածկվի։
 +
 +
― Ո՛չ, Ingles։ Նա վերադարձավ։ Լավ էլ կռվում էր ներքևում։ Չէի՞ր լսում։ Հիմա էլ կռվում է դեռ։ Երևի վիճակը ծանր է։ Չե՞ս լսում։
 +
 +
― Կծածկեմ։ Բայց ես ձեր բոլորի։ Քո՛ էլ, Պաբոլյի՛ էլ։
 +
 +
― Ingles, ― ասաց Պիլարը։ ― Հանդարտվի՛ր։ Ես այս գործում քեզ հետ եմ եղել, եղել եմ այնպես, ինչպես ոչ ոք չէր լինի։ Պաբլոն քեզ վատություն արեց, բայց հիմա վերադարձել է։
 +
 +
― Եթե պայթուցիչս լիներ, ծերուկը չէր սպանվի։ Ես այստեղից կարող էի պայթեցնել։
 +
 +
― Եթե, եթե, եթե․․․ ― ասաց Պիլարը։
 +
 +
Կամրջի փուլ գալուց հետո, երբ բարձրացել էր պառկած տեղից, չոքել ու տեսել էր սպանված Անսելմոյին, զգացել էր, որ ցասումը, դատարկությունն ու ատելությունը տիրեցին իրեն և հիմա էլ բաց չէին թողնում տակավին։ Չէր կարողանում ազատվել նաև հուսահատության այն զգացումից, որն առաջանում է վշտից, ցավից և վեր է ածվում ատելության ու զինվորին զինվոր պահում։ Հիմա, երբ գործն արել֊վերջացրել էր, իրեն բոլորովին մենակ էր զգում, և ընկճված, և ատում էր բոլորին, ում տեսնում էր։
 +
 +
― Եթե ձյուն չգար, ― ասաց Պիլարը։ Եվ հետո, դանդաղ, ոչ միանգամից, ինչպես ֆիզիկական լիցքաթափման ժամանակ (ասենք եթե կինը ձեռքը գցեր վզովը), հանգիստ դատելով սկսեց հաշտվել վիճակի հետ, և ատելությունը տեղի տվեց, ընկրկեց։ Ձյունը։ Անշուշտ։ Դա էր պատճառը։ Ձյունը։ Մյուսների պատճառը դա դարձավ։ Ահա մի անգամ ևս դու տեսնում ես երևույթներն այնպես, ինչպես ուրիշները, մի անգամ ևս ազատագրվեցիր ինքդ քեզնից, հենց այդ է, որ պիտի անես պատերազմում, պիտի ինքդ քեզնից ազատագրվես։ Պատերազմում չի կարող ինքնություն լինել։ Եսդ պետք է կորչի։ Եվ եսը կորցնելու ընթացքի մեջ լսեց Պիլարի ձայնը․
 +
 +
― Սորդոն․․․
 +
 +
― Ի՞նչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։
 +
 +
― Սորդոն․․․
 +
 +
― Այո, ― ասաց նա, հետո ինչ֊որ ժպիտի նմանվող բան գծագրվեց դեմքին, ծամածռված, ջղաձիգ մի ժպիտ։ ― Մոռացի՛ր այն, ինչ ասացի։ Ես իրավացի չէի։ Ների՛ր ինձ, կի՛ն։ Այս գործը ոնց որ իրար հետ սկսել ենք, այդպես էլ իրար հետ կվերջացնենք։ Կամուրջն էլ, ինչպես ասացիր, պայթեցրել ենք։
 +
 +
― Այո՛։ Ընդունիր ամեն ինչ այնպես, ինչպես որ կա։
 +
 +
― Դե ես գնամ Ագուստինի մոտ։ Գնչուին ասա թող ավելի ցած գնա, այնպես լինի, որ հսկի ճանապարհը։ Հրացանները տուր Պրիմիտիվոյին, իսկ դու այս maguina֊ն վերցրու։ Սպասիր ցույց տամ, թե ոնց ես կրակելու։
 +
 +
― Maquina֊դ քեզ պահիր, ― ասաց Պիլարը։ ― Մենք այստեղ երկար չենք մնալու։ Պաբլոն հիմա կգա ու մենք կգնանք։
 +
 +
― Ռաֆայե՛լ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― ցած արի, մոտս։ Ա՛յ, այստեղ։ Լավ է։ Տեսնո՞ւմ ես դրանց, ջրատարի անցքից դուրս են գալիս։ Այնտեղ, բեռնատարից վերև։ Մոտենում են բեռնատարին։ Դե մեկնումեկին խփի՛ր։ Նստի՛ր։ Մի՛ շտապիր։
 +
 +
Գնչուն ուշադիր նշան բռնեց ու կրակեց, և երբ փակաղակի ձգանը քաշեց ու դատարկ պարկուճներն սկսեցին թափվել կողքին, Ռոբերտ Ջորդանն ասաց․
 +
 +
― Չեղավ։ Ժայռին ես կրակում։ Տեսնո՞ւմ ես, փոշի է բարձրանում։ Ավելի ցած պահիր, երկու ոտնաչափ։ Հիմա ուշադիր կրակիր։ Վազում են։ Լավ է։ Sogue tirando:<ref>Դե կրակիր (իսպ․):</ref>
 +
 +
― Մեկին խփեցի, ― ասաց գնչուն։
 +
 +
Ջրատարի և բեռնատարի միջև ընկած տարածության մեջտեղում մեկն ընկավ։ Մյուս երկուսը կանգ չառան, որպեսզի քաշեն֊տանեն նրան։ Վազեցին ու թաքնվեցին ջրատարի անցքում։
 +
 +
― Դրա վրա այլևս մի՛ կրակիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կրակիր բեռնատարի առջևի դողին։ Վրիպես էլ, ոչինչ, շարժիչին կխփես։ Լավ է։ ― Հեռադիտակն հանեց ու սկսեց նայել։ ― Մի քիչ ցած։ Լավ է։ Հիանալի ես կրակում, գրողը տանի։ Mucho! Mucho! Հիմա կրակիր ռադիատորի կափարիչին։ Ռադիատորին, որ մասին ուզում է լինի։ Այ տղա, դու չեմպիոն ես։ Դե հիմա տես։ Չթողնես, որ ոչ մի բան այ այդ կետից առաջ անցնի։ Տեսնո՞ւմ ես։
 +
 +
― Մի տես ոնց եմ դիմացի ապակուն խփում, ― երջանիկ ասաց գնչուն։
 +
 +
― Պետք չէ։ Բեռնատարն արդեն շարքից դուրս է եկել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Էլ մի՛ կրակիր, մինչև որևէ բան վերևից չգա։ Կկրակես, երբ գա հասնի ջրատարի դիմացը։ Ջանա վարորդին խփել։ Հետո արդեն բոլորդ իրար հետ կսկսեք կրակել, ― ասաց Պիլարին, որը Պրիմիտիվոյի հետ զառիթափով իջել եկել էր իրենց մոտ։ ― Հրաշալի դիրք է։ Այս մի թևն ապահով է, տեսնում ես, չէ՞, այս սարավանդի կողմից ոչ մի վտանգ չի կարող լինել։
 +
 +
― Դե վերջ տո՛ւր, գնա՛ Ագուստինի մոտ, տեսեք ինչ եք անում, ― ասաց Պիլարը։ ― Ձեռ քաշի՛ր քո այդ դասախոսություններից։ Ես այս տեղերին լավ ծանոթ եմ։
 +
 +
― Պրիմիտիվոյին նստեցրու այնտեղ, վերևում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այնտեղ։ Տեսնո՞ւմ ես, ծերո՛ւկ։ Սարավանդի այս կողմը։
 +
 +
― Թող գնա՛, ― ասաց Պիլարը։ ― Գնա՛, Ingles: Գիտելիքներդ քեզ պահիր։ Այստեղ ամեն ինչ պարզ է։
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
 +
  
Ընթացիկ տարբերակը 23:10, 3 Փետրվարի 2018-ի դրությամբ

Ում մահն է գուժում զանգը

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Համբարձում Քենդերյան (անգլերենից)
աղբյուր՝ «Եվ ծագում է արևը (Ֆիեստա)»

Ոչ մի մարդ մեկուսացած, ինքն իրեն համար ապրող կղզի չէ։ Յուրաքանչյուր մարդ մի կտորն է Մայրցամաքի, մի մասն ամբողջ աշխարհի։ Եթե ծովը քշի տանի մերձափնյա ժայռը, Եվրոպան կփոքրանա, ինչպես կփոքրանար, եթե տաներ մի Հրվանդան, տաներ քո ընկերների կամ քո սեփական կալվածքը։ Յուրաքանչյուր մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ իմ մեջ ամբողջ մարդկությունն է։ Եվ դրա համար էլ երբեք մի՛ հարցրու, թե ում մահն է գուժում զանգը։ Քո՛ մահն է գուժում։

— Ջոն Դոն

Իսպանիայում զոհված ամերիկացիների մասին

Մեռելները քնել են, այս գիշեր ցուրտ է Իսպանիայում։ Ձյունը թափվում է ձիթենիների պուրակների վրա, ծածկում ծառերի արմատները։ Ձյունը նստում է գերեզմանաթմբերին, գլխավերևների փոքրիկ անվանատախտակներին (եթե հասցրել են անվանատախտակներ դնել)։ Ձիթենիները կանգնել են սառնաշունչ քամու դիմաց, մերկ են ու նիհարիկ, որովհետև ներքևի ճյուղերը կտրել են ու դրանցով տանկերը քողարկել, իսկ մեռելները քնել են Խարամայի գետափնյա բլրալանջերին, պաղ հողում։ Ցուրտ էր և այն փետրվարին, երբ նրանք ընկան այդտեղ և դրանից հետո նրանք չեն նկատել տարվա եղանակների փոփոխությունները։

Երկու տարի է անցել այն օրերից, երբ Լինքոլնի անվան գումարտակը չորսևկես ամիս պահում էր Խարամայի երկայնքի բարձունքները, և այդտեղ ընկած առաջի ամերիկացիները վաղուց արդեն իսպանական հողի մասնիկներն են դարձել։

Մեռելները քնել են, այս գիշեր ցուրտ է։ Իսպանիայում նրանք կքնեն ամբողջ ձմեռը, քանի նրանց հետ միասին քնած կլինի և հողը։ Բայց գարնանն անձրև կգա, հողը վերստին կկենդանանա։ Հարավ քամին մեղմ կփչի սարի լանջին։ Սևաթույր ծառերը կյանք կառնեն, կերևան փոքրիկ կանաչ տերևները, կծաղկեն խնձորենիները Խարամայի ափին։ Գարնանը մեռելները կզգան հողի վերակենդանացումը։

Մեր մեռելները հիմա իսպանական հողի մասնիկներն են դարձել, իսկ իսպանական հողը երբեք չի մեռնի։ Ամեն ձմեռ կթվա, որ մեռնում է, և ամեն գարուն կվերակենդանանա։ Մեր մեռելները հավիտյան կապրեն նրա հետ։

Ինչպես որ հողը երբեք չի մեռնի, այնպես էլ նրանք, ովքեր երբևէ ազատ են եղել, ստրուկ չեն դառնա։ Գյուղացիները, որոնք մշակում են այն հողը, որտեղ թաղված են մեր մեռելները, գիտեն, թե հանուն ինչի ընկան նրանք։ Պատերազմի ընթացքում բավական ժամանակ կար, որ նրանք այս ամենը հասկանային, և այսուհետև միշտ կհիշեն։

Մեր մեռելներն ապրում են իսպանացի գյուղացիների, իսպանացի աշխատավորների սրտերի և հոգիների մեջ, բոլոր այն պարզ ու պարկեշտ մարդկանց, որոնք հավատում էին Հանրապետությանը և կռվում էին հանուն նրա։ Եվ քանի դեռ կապրեն մեր մեռելներն իսպանական հողում, իսկ նրանք կապրեն այնքան ժամանակ, ինչքան կապրի իսպանական հողը, ոչ մի բռնապետություն ծնկի չի բերի Իսպանիային։

Ֆաշիստները կարող են քայլել երկրի ճամփաներով՝ շաչեցնելով ուրիշ երկրներից բերված ծանր մետաղը։ Դավաճանների ու վախկոտների օժանդակությամբ նրանք կարող են առաջ շարժվել։ Նրանք կարող են քաղաքներ ու գյուղեր քանդել, նրանք կարող են փորձել ժողովրդին ստրկության մեջ պահել։ Բայց ստրկության մեջ չես կարող պահել ոչ մի ժողովրդի։

Իսպանական ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, ինչպես որ կանգնել է սրանից առաջ՝ բռնապետությունների դեմ։

Մեռելները կարիք չունեն կանգնելու։ Նրանք հիմա մասնիկներն են հողի, իսկ հողը երբեք չի նվաճվի։ Որովհետև հողը հավերժական է։ Նա կգերապրի բոլոր բռնապետությունները։

Նրանք, ովքեր պատվով մտան այդ հողը, իսկ ավելի պատվով ոչ ոք չի մտել այդ հողը, քան Իսպանիայում զոհվածները, նրանք անմահության հասան։

Փետրվարի 14․ 1939 թ․

Էռնեստ Հեմինգուեյ

Այս գիրքը նվիրված է
Մարթա Գելնորնին

Բովանդակություն

Գլուխ առաջին

Նա պառկել էր անտառում, շագանակագույն փշատերևով ծածկված գետնին և ծնոտը դրել խաչված թևերին։ Գլխավերևում քամին վազում էր սոճիների բարձր կատարների մեջ։ Սարալանջի այն մասը, որտեղ պառկած էր նա, համեմատաբար հարթ էր, ավելի ցածրում, սակայն, դառնում էր գահավեժ․ այդտեղից նա տեսնում էր կիրճի միջով գալարվելով անցնող սև ճանապարհը։ Ճանապարհի կողքով մի գետակ էր հոսում, կիրճի հեռավոր ծայրում երևում էին գետակի ափին կանգնած մի սղոցարան և ամառային արևի շողերի տակ սպիտակին տվող ջրվեժը։

― Դա՞ է սղոցարանը, ― հարցրեց նա։

― Այո։

― Չեմ հիշում։

― Քո այստեղ լինելուց հետո է կառուցվել։ Հին սղոցարանն ավելի հեռվում է։ Շատ ավելի ներքևում։

Զինվորական լուսատիպ քարտեզը նա փռեց գետնին և սկսեց ուշադիր նայել։ Ծերունին նրա ուսի վրայով նայում էր քարտեզին։ Կարճահասակ, պնդակազմ ծերուկ էր, հագին՝ գեղջկական սև շապիկ ու գորշ տաբատ, ոտներին՝ պարանե ներբանով կոշիկներ։ Դժվարին վերելքից հևում էր և ձեռքը դրել էր այն երկու ծանր ուսապարկերից մեկի վրա, որ շալակած բերել էին։

― Ուրեմն կամուրջն այստեղից չի երևում։

― Ոչ, ― ասաց ծերունին։ Այստեղ կիրճը հարթ է, գետը հանդարտ է հոսում։ Կամուրջը ներքևում է, որտեղ ճանապարհը թեքվում է և անհետանում ծառերի մեջ, այնտեղ միանգամից խոր անդունդ է․․․

― Հիշեցի։

― Այդտեղ է կամուրջը։

― Իսկ պահակակետե՞րը որտեղ են։

― Մի պահակակետը այդ սղոցարանում է, որը տեսնում ես։

Երիտասարդը, որը հետախուզում էր տեղանքը, խամրած խակի գույնի ֆլանելե շապիկի գրպանից հանեց հեռադիտակը, թաշկինակով սրբեց դիտապակիները և սկսեց պտտեցնել, մինչև որ պարզ երևացին սղոցարանը, սղոցարանի դռան կողքի փայտյա նստարանը, ծածկի տակ տեղադրված սկավառակաձև սղոցի դիմաց բարձրացած փայտաթեփի հսկա կույտը, փողրակը, որով գետակի վրայով սարալանջից գերան էին տեղափոխում։ Հեռադիտակի մեջ երևում էր գետակն իր ողջ ջինջությամբ ու հանդարտությամբ, երևում էին ամբարտակից թափվող ջրի գիսակների վերևում քամու հետ թռչկոտող շիթերը։

― Ժամապահ չկա։

― Սղոցարանից ծուխ էր բարձրանում, ― ասաց ծերունին։ ― Պարանին էլ շորեր են փռված։

― Դրանք տեսնում եմ, բայց ժամապահ չեմ տեսնում։

― Գուցե շվաքում է, ― բացատրեց ծերունին։ ― Այնտեղ հիմա շոգ է։ Սղոցարանի շվաքում կլինի, դրա համար չի երևում։

― Երևի։ Որտե՞ղ է մյուս պահակակետը։

― Կամրջից ներքև։ Ճանապարհաշինության վարպետի տնակում։ Սղոցարանից հինգ կիլոմետր։

― Քանի՞ հոգի են այնտեղ։ ― Նա մատով ցույց տվեց սղոցարանը։

― Երևի չորս, մեկ էլ կապրալը։

― Իսկ ներքևո՞ւմ։

― Ավելի շատ։ Կիմանամ։

― Իսկ կամրջի՞ վրա։

― Միշտ էլ երկու։ Մեկն այս ծայրին, մյուսը ՝ այն։

― Մարդկանց կարիք ենք ունենալու, ― ասաց նա։ ― Քանի՞ հոգի կարող ես բերել։

― Կարող եմ բերել ինչքան ցանկանաս։ Հիմա շատ մարդ կա սարերում։

― Ինչքա՞ն։

― Հարյուրից ավելի։ Բայց փոքր խմբերով են։ Քանի՞ հոգի է պետք։

― Կասեմ, երբ կամուրջը հետախուզենք։

― Հիմա՞ ես ուզում հետախուզել։

― Ոչ։ Հիմա ուզում եմ գնալ և այս պայթուցիկը մի ապահով տեղում պահել։ Կամրջից կես ժամվա հեռավորության վրա։ Ոտքով։ Եթե հնարավոր է։

― Դա հեշտ է, ― ասաց ծերունին։ ― Մեր գնացած տեղից կամուրջ տանող ճամփան զառիվայր է։ Իսկ հիմա պատրաստվիր, որովհետև մի քիչ դժվար վերելք է լինելու։ Քաղցա՞ծ ես։

― Այո, ― ասաց երիտասարդը։ ― Բայց դա հետո։ Անունդ ի՞նչ էր։ Մոռացել եմ։ ― Վատ նշան է, որ մոռացել եմ, ― մտածեց նա։

― Անսելմո, ― ասաց ծերունին։ ― Անունս Անսելմո է։ Բարկո դե Ավիլայից եմ։ Սպասիր օգնեմ, որ բարձրացնես ուսապարկը։

Երիտասարդը, որը բարձրահասակ էր ու նիհար, արևառ մազերով և հողմահար ու արևահար դեմքով, հագել էր արևից խամրած ֆլանելե շապիկ, գեղջկական տաբատ և ոտներին պարանե ներբանով կոշիկ, կռացավ, մի թևն անցկացրեց կաշվե ուսափոկի տակով, ծանր ուսապարկը գցեց թիկունքին, հետո մյուս թևն անցկացրեց երկրորդ ուսափոկի տակով և ուսապարկը տեղավորեց մեջքին։ Ուսապարկի տեղում շապիկը տակավին խոնավ էր։

― Ես պատրաստ եմ, ― ասաց։ ― Ո՞նց ենք գնում։

― Դեպի վեր, ― ասաց Անսելմոն։

Ուսապարկերի ծանրության տակ կռացած, քրտնաթոր, ծանրաքայլ բարձրանում էին սոճիների անտառով պատված սարալանջն ի վեր։ Արահետ չէր երևում, բայց նրանք բարձրանում էին ու բարձրանում սարի լանջով։ Կտրեցին֊անցան մի գետակ և ծերունին գետակի ապառաժոտ հունի երկայնքով հաստատուն քայլերով առաջ գնաց։ Ճանապարհը դառնում էր ուղղաբերձ ու դժվարամատույց։ Նրանց առջև ծառացավ գրանիտյա ուղղաձիգ մի ապառաժ, որի վրայից գահավիժում էր գետակը։ Ծերունին կանգ առավ ապառաժի մոտ և սպասեց երիտասարդին։

― Ո՞նց են գործերը։

― Լավ, ― ասաց երիտասարդը։ Նա քրտինքի մեջ կորել էր, և շեշտակի վերելքից ազդրերի մկանները ձգվել էին։

― Դու այստեղ սպասիր, ես գնամ նրանց զգուշացնելու։ Կարծում եմ, որ չէիր ուզենա նման բեռով կրակոցի տակ ընկնել։

― Երբեք, նույնիսկ եթե դա կատակ լիներ, ― ասաց երիտասարդը, ― իսկ հեռո՞ւ է։

― Չէ, շատ մոտ է։ Իսկ քո անունն ի՞նչ է։

― Ռոբերտո, ― պատասխանեց երիտասարդը։ Նա ուսապարկը իջեցրել էր և զգուշությամբ տեղավորել գետեզրի երկու խոշոր գլաքարերի արանքում։

― Ուրեմն, Ռոբերտո, սպասիր այստեղ, ես շուտով կվերադառնամ։

― Լավ, ― ասաց երիտասարդը։ ― Հենց այս ճանապարհո՞վ ենք իջնելու կամուրջ։

― Ոչ։ Կամուրջ կգնանք ուրիշ ճանապարհով։ Ավելի կարճ, վայրէջքն էլ ավելի դյուրին է։

― Այս բեռը կամրջից շատ հեռու պետք չէ տանել։

― Կտեսնես։ Եթե քեզ չգոհացնի, ուրիշ տեղ կընտրես։

― Կտեսնենք, ― ասաց երիտասարդը։

Նա նստեց ուսապարկերի կողքին և սկսեց նայել, թե ինչպես է ծերունին հեշտությամբ և առանց հենակետեր որոնելու մագլցում ապառաժն ի վեր։ Երիտասարդը կռահեց, որ նա այդ տեղով շատ է բարձրացել, իսկ վերևում ապրողներն այնպիսի զգուշությամբ են շարժվել, որ ոչ մի արահետ չի գոյացել։

Երիտասարդը, որի անունը Ռոբերտո Ջորդան էր, շատ էր քաղցած, միաժամանակ և շատ մտահոգ էր։ Քաղցած լինում էր հաճախ, բայց սովորաբար մտահոգ չէր լինում, որովհետև նշանակություն չէր տալիս, թե ինչ կարող է պատահել իրեն։ Փորձով գիտեր, որ թշնամու թիկունքում շրջագայելն հեշտ է այս երկրում, նույնքան հեշտ է ռազմաճակատի գիծը կտրել֊անցնելը, եթե լավ առաջնորդ ունես։ Գործը կդժվարանա, երբ կսկսես նշանակություն տալ այն բանին, թե ինչ կպատահի քեզ, եթե բռնվես։ Կա ևս մի դժվարություն․ պետք է կարողանաս որոշել, թե ում վստահես․ այն մարդկանց, որոնց հետ գործում ես, կամ պետք է լիովին վստահես, կամ բոլորովին չվստահես։ Պետք է ճիշտ որոշում ընդունես, թե ում վստահես։ Բայց սրանք չէին նրան անհանգստացնող մտքերը։ Մտահոգում էին այլ բաներ։

Անսելմոն լավ առաջնորդ է, լավ էլ քայլում է սար ու ձորով։ Ինքը՝ Ռոբերտ Ջորդանը, նույնպես լավ քայլող է, բայց լուսաբացին սկսված այս երթի ընթացքին նա համոզվեց, որ ծերունին կարող է իրեն ուժասպառ անել։ Ռոբերտ Ջորդանը լիովին վստահում էր Անսելմոյին։ Չգիտեր միայն, թե նա ինչ համոզմունքներ ունի։ Ստուգելու առիթ չէր եղել, բայց, վերջ ի վերջո, համոզմունքի համար ամեն մի մարդ միայն ինքն իր առաջ է պատասխանատու։ Ոչ, նրան մտահոգողը Անսելմոն չէր, ոչ էլ կամուրջն էր, և դա այնքան էլ դժվար խնդիր չէր։ Նա կարող էր պայթեցնել ուզածդ կամուրջը, ինչ տեսակի ասես, և պայթեցրել է բազում կամուրջներ, տարբեր մեծության և տարբեր կառուցվածքի։ Ուսապարկերի պայթուցիկն ու սարքավորումը բավական են, որ պայթեցնի երկու անգամ ավելի մեծ կամուրջ, քան սա, որը նկարագրեց Անսելմոն և որը իր հիշողության մեջ մնացել է դեռևս 1933 թվականից։ Այս կամրջի վրայով նա քայլել֊անցել է Լա Գրանխա գնալիս, երբ մի արշավախմբի հետ շրջում էր երկրում։ Նախանցյալ գիշեր էլ Էսկորիայի տակ գտնվող տան վերնահարկի սենյակներից մեկում Գոլցն էր այս նույն կամուրջը նկարագրում։

― Կամուրջը պայթեցնելը դատարկ բան է, ― ասել էր Գոլցը, որի սպիապատ ածիլված գլուխը պսպղում էր լամպի լույսի տակ։ Այնուհետև մատիտով ցույց էր տվել այն քարտեզի վրա և հարցրել, ― հասկանո՞ւմ եք։

― Այո, հասկանում եմ։

― Բոլորովին դատարկ բան։ Իսկ հենց այնպես պայթեցնելը նշանակում է ձախողում։

― Այո, ընկեր գեներալ։

― Կամուրջը պետք է պայթեցնել ճիշտ այն ժամին, որ նախատեսված է հարձակման համար։ Դուք, անշուշտ, հասկանում եք դա։ Դուք գիտեք, թե ինչ է հանձնարարվում ձեզ և գիտեք, թե ինչպես պիտի գործեք։

Գոլցը նայել էր մատիտին և սկսել էր դրանով տկտկացնել ատամները։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չէր ասել։

― Դուք հասկացաք հանձնարարությունը և գիտեք, թե ինչպես պիտի գործեք, ― շարունակել էր Գոլցը, նայելով նրան և թափ տալով գլուխը։ Հիմա նա սկսել էր մատիտով տկտկացնել քարտեզին։ ― Իսկ ինչպե՞ս պիտի գործեմ ես, հնարավոր չէ իմանալ։

― Ինչո՞ւ, ընկեր գեներալ։

― Ինչո՞ւ, ― բարկացել էր Գոլցը։ ― Դուք, որ այնքան հարձակումներ եք տեսել, դեռ հարցնում եք ինչո՞ւ։ Ի՞նչ երաշխիք կա, որ իմ հրամանները չեն փոխվի։ Ի՞նչ երշախիկ, որ հարձակման որոշումը չեղյալ չի հայտարարվի կամ հարձակումը չի հետաձգվի։ Ի՞նչ երաշխիք կա, որ նախատեսվածից վեց ժամ ուշ չի սկսվի։ Եղե՞լ է գեթ մի հարձակում ըստ նախատեսված ծրագրի։

― Եթե հարձակումը ղեկավարում եք դուք, ապա կսկսվի ժամանակին, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։

― Ես երբեք չեմ ղեկավարում հարձակումները, ― ասել էր Գոլցը։ ― Ես հարձակվում եմ, բայց ես չեմ ղեկավարում։ Հրետանին իմը չէ։ Ես պետք է խնդրեմ նրա օժանդակությունը։ Ինձ երբեք չեն տալիս այն, ինչ խնդրում եմ, նույնիսկ այն ժամանակ, երբ կարող են։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Ուրիշ բաներ էլ կան։ Դուք էլ գիտեք, թե սրանք ինչ մարդիկ են։ Խորանալու կարիք չկա։ Ինչ֊որ բան միշտ էլ կա։ Միշտ էլ մեկը կամ մյուսը պիտի միջամտի։ Հիմա, կարծում եմ, հասկացաք։

― Ուրեմն, ե՞րբ պետք է պայթեցվի կամուրջը, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։

― Երբ որ սկսվի հարձակումը։ Հարձակման հետ, ոչ շուտ։ Որպեսզի այս ճանապարհով, ― մատիտով ցույց էր տվել քարտեզի վրա, ― համալրում չհասնի։ Ես պետք է համոզված լինեմ, որ ճանապարհը վնասազերծված է։

― Իսկ ե՞րբ է սկսվելու հարձակումը։

― Ասեմ։ Բայց իմացեք, որ դա կարող է լինել միայն մոտավոր օրն ու ժամը։ Կամուրջը դուք պետք է պայթեցնեք, երբ սկսվի հարձակումը։ Տեսեք, ― ցույց էր տվել մատիտով, ― սա միակ ճանապարհն է, որով նրանք համալրում կարող են ստանալ։ Սա միակ ճանապարհն է, որով տանկերը, հրետանին կամ ավտոմեքենաները կարող են շարժվել դեպի կիրճի այն մասը, որտեղից ես սկսելու եմ հարձակումը։ Ես պետք է վստահ լինեմ, որ կամուրջը շարքից հանված է։ Ժամանակից շուտ պետք չէ պայթեցնել, որովհետև եթե հարձակումը հետաձգվի, կարող են վերականգնել։ Ո՛չ։ Պետք է պայթեցվի, երբ հարձակումն սկսված լինի, և ես պետք է համոզված լինեմ, որ պայթեցված է։ Ընդամենը երկու ժամապահ կա այնտեղ։ Ձեզ ուղեկցողը հենց նոր է եկել այնտեղից։ Ասում են շատ վստահելի մարդ է։ Կտեսնեք։ Սարերում մարդիկ ունի։ Վերցրեք այնքան մարդ, ինչքան կարիք կլինի։ Վերցրեք ինչքան հնարավոր է քիչ, բայց այնքան, որ բավարար լինի։ Երևի կարիք չկար, որ այս ամենը ասեի ձեզ։

― Իսկ ինչպե՞ս պետք է իմանամ, որ հարձակումն սկսվել է։

― Հարձակմանը կմասնակցի ամբողջ մի դիվիզիա։ Կլինի օդային նախապատրաստական ռմբակոծում։ Խուլ չեք, չէ՞։

― Ուրեմն, եթե ինքնաթիռները ռումբերը թափեցին, հարձակումն սկսված է։

― Միշտ չէ, որ այդպես է լինում, ― ասել էր Գոլցը և տարուբերել գլուխը։ ― Այս պարագային, սակայն, կարող եք պայթեցնել։ Հարձակվելու եմ ես։

― Հասկանալի է, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Թեև չէի ասի, որ շատ հաճելի է։

― Ոչ էլ ինձ համար է հաճելի։ Եթե չեք ուզում ստանձնել, ասացեք։ Եթե կարծում եք, որ գլուխ չեք բերի, հենց հիմա էլ ասացեք։

― Ես դա կանեմ, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Կանեմ, ինչպս որ պետքն է։

― Ես պետք է վստահ լինեմ, ― ասել էր Գոլցը, ― որ կամրջի վրայով ոչ մի բան չի անցնելու։ Դա բացարձակ անհրաժեշտություն է։

― Հասկանում եմ։

― Ես չեմ սիրում այսպիսի հանձնարարություններ տալ մարդկանց, մանավանդ նման պայմաններով, ― շարունակել էր Գոլցը։ ― Հրամայել ես ձեզ չեմ կարող։ Հասկանում եմ, թե ինչ ծանր պայմաններ եմ դնում ձեր առջև։ Աշխատում եմ հանգամանորեն բացատրել ամեն ինչ, որպեսզի դուք հասկանաք և՛ հնարավոր բոլոր դժվարությունները, և՛ գործի կարևորությունը։

― Իսկ դուք ինչպե՞ս պիտի շարժվեք դեպի Լա Գրանխա, եթե կամուրջը պայթեցվի։

― Ամեն ինչ նախատեսել ենք, որպեսզի կիրճի գրավումից հետո կամուրջն արագ վերականգնենք։ Շատ բարդ և գեղեցիկ գործողություն է։ Նույնքան բարդ և նույնքան գեղեցիկ ինչպես միշտ։ Պլանը մշակվել է Մադրիդում։ Վիչենտե Ռոխոյի՝ այդ ձախողակ պրոֆեսորի, գլուխգործոցներից է։ Հարձակվելու եմ ես, և, ինչպես միշտ, անբավարար ուժերով։ Բայց հակառակ դրան, գործողության հաջող ելքը շատ հավանական է։ Այս անգամ սովորականից ավելի անխռով եմ։ Եթե կամուրջը վերացվի, ամեն ինչ հաջող կավարտվի։ Կկարողանանք գրավել Սեգովիան։ Նայե՛ք, տեսեք, թե ինչպես է ընթանալու հարձակումը։ Տեսնո՞ւմ եք։ Հարձակումն սկսում ենք ոչ թե կիրճի մուտքում ― դա մեր ձեռքն է արդեն, այլ շատ ավելի ներքևի մասում։ Նայե՛ք։ Այստե՛ղ։ Այսպե՛ս։

― Գերադասում եմ չիմանալ, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։

― Լավ, ― ասել էր Գոլցը։ ― Թշնամական գծից այն կողմ բեռն ինչքան քիչ լինի, այնքան ավելի լավ։ Չէ՞։

― Միշտ էլ գերադասել եմ չիմանալ։ Ինչ ասես կարող է պատահել, իսկ եթե պատահի, ես չեմ լինի գաղտնիքը դուրս տվողը։

― Չիմանալն ավելի լավ է, ― ասել էր Գոլցը՝ մատիտը տանելով ճակատին։ ― Հաճախ ես ինքս էլ ցանկացել եմ անգետ լինել։ Բայց այն, ինչ վերաբերում է կամրջին և որը դուք պետք է իմանաք, գիտե՞ք։

― Այո, գիտեմ։

― Հավատում եմ, որ գիտեք, ― ասել էր Գոլցը։ ― Չեմ ուզում ճառ ասել։ Եկեք խմենք։ Անհագ ծարավ եմ զգում, երբ երկար եմ խոսում, ընկեր Հորդան։ Զվարճալի է հնչում ձեր անունը իսպաներեն, ընկեր Հորդան։

― Իսկ ինչպե՞ս է Գոլցը իսպաներեն, ընկեր գեներալ։

― Հոցե, ― ասել էր Գոլցը, քմծիծաղելով և կոկորդից արտաբերելով խորունկ, լավ մրսած մարդու հազի ձայն։ ― Հոցե, ― ասել էր կառանչաձայն։ ― Ընկեր հեներալ Հոցե։ Եթե իմանայի, թե ինչպես է հնչելու Գոլցը իսպաներեն, ավելի լավ անուն կընտրեի մինչև կռվի գալս։ Պատկերացնո՞ւմ եք, գալիս եմ հրամայելու մի ամբողջ դիվիզիայի և ընտրում եմ Հոցե անունը։ Հեներալ Հոցե։ Հիմա արդեն ուշ է փոխելը։ Իսկ պարտիզանական կռիվները դուր գալի՞ս են ձեզ։ Ռուսներն այդպես են կոչում թշնամու թիկունքում կատարվող գործողությունները։

― Շատ, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը և շարունակե քմծիծաղելով, ― չափազանց առողջարար է բաց օդում։

― Ինձ էլ շատ էին դուր գալիս, երբ ձեր տարիքին էի, ― ասել էր Գոլցը։ ― Ինձ պատմել են, որ դուք շատ լավ եք կամուրջներ պայթեցնում։ Գիտականորեն։ Բայց դրանք ընդամենը լուրեր են։ Ինքս տակավին ձեր ոչ մի գործը չեմ տեսել։ Գուցե իրականում դուք նման գործեր չե՞ք էլ արել։ Դուք իսկապե՞ս կամուրջներ պայթեցրել եք։ ― Նա արդեն սկսել էր Ռոբերտ Ջորդանի հոգու հետ խաղալ։ Հետո մեկնել էր նրան իսպանական կոնյակով լեցուն բաժակը և ասել, ― խմեք։ Դե, իսկապե՞ս պայթեցրել եք։

― Պատահել է։

― Այս կամրջի հետ ոչ մի պատահականություն չպետք է լինի։ Ո՛չ։ Եվ եկեք այլևս կամրջի մասին չխոսենք։ Դուք արդեն հասկացաք նրա կարևորությունը։ Շատ լրջացանք, եկեք մի քիչ էլ կատակենք։ Լսեք։ Թշնամու թիկունքում աղջիկներ շա՞տ ունեք։

― Ո՛չ, աղջիկների համար ժամանակ չունենք։

― Համաձայն չեմ։ Ինչքան անկանոն է ծառայությունը, նույնքան էլ անկանոն է կյանքը։ Ձեր ծառայությունը շատ անկանոն է։ Այ, օրինակ, ձեր մազերը պետք է կարճ խուզեիք։

― Ինչպես պետք է, այնպես էլ կտրված են, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը և մտածել, թե միայն այդ էր պակաս, որ գլուխը Գոլցի նման ածիլեր։ ― Եվ առանց աղջիկների էլ մտածելու շատ բան կա, ― շարունակել էր մռայլված ու հարցրել․ ― Իսկ ինչպիսի՞ համազգեստ կրեմ։

― Ոչ մի տեսակ։ Մազերդ էլ շատ լավ են։ Ես ձեր հոգու հետ էի խաղում։ Մենք իրարից շատ ենք տարբեր, ― ասել էր Գոլցը և նորից էր լցրել բաժակները։

― Միայն թե աղջիկների մասին դուք բոլորովին էլ այդպե՛ս չեք մտածում։ Ոչ էլ ես եմ մտածում, ո՛չ։ Ինչո՞ւ պիտի մտածեմ։ Երբեք չեմ մտածում։ Մի՛ փորձեք ինձ ծուղակը գցել։

Շտաբի մի սպա, որ նստած աշխատում էր գծագրական տախտակին ամրացված քարտեզի վրա, նայել էր Ռոբերտ Ջորդանի կողմն ու մռլտացել նրան անհասկանալի մի լեզվով։

― Դե լռե՛ք, ― ասել էր Գոլցը անգլերեն։ ― Ուզում էի կատակել և կատակեցի։ Շատ եմ լրջացել, դրա համար եմ կատակում։ Իսկ հիմա խմե՛ք և մեկնեցե՛ք։ Ամեն ինչ պա՞րզ է։

― Այո՛, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Պարզ է։

Իրար ձեռք էին սեղմել, պատիվ էր տվել գեներալին և դուրս եկել ու բարձրացել շտաբի ավտոմեքենան, որի մեջ ծերունին քուն մտած իրեն էր սպասում։ Այդ մեքենայով նրանք անցել էին Գուագառամա տանող խճուղով, ծերունին շարունակել էր քնել, հետո, Նավասեռադայի խճուղով, հասել էին ալպինիստների ակումբի հյուղակը։ Այստեղ Ռոբերտ Ջորդանը երեք ժամ քնել էր։ Հետո արդեն ճանապարհն անցել էին ոտքով։

Վերջին անգամ Գոլցին տեսել էր այդպես՝ երբեք չարևահարվող մի տարօրինակ սպիտակ դեմքով, արծվաչ, խոշորաքիթ, բարակ շուրթերով և կնճիռներով ու սպիներով ակոսված ածիլված գլխով։ Վաղը գիշերը խավար խճուղով նրանք դուրս կգան Էսկորիալից։ Բեռնատարերի երկար շարասյուները մթության մեջ կտեղափոխեն հետևակը, ծանրաբեռն մարդիկ կբարձրանան մեքենաները, գնդացրորդները թափքերի վրա կտեղավորեն իրենց զենքերը, ավտոմեքենաները քարշ կտան ցիստեռնները։ Դիվիզիան գիշերով կշարժվի դեպի կիրճ՝ պատրաստվելով հարձակման։ Բայց նա այդ մասին պարտավոր չէ մտածել։ Այդ հոգսը իրենը չէ։ Դա Գոլցի հոգսն է։ Նա միայն մի բանի մասին պետք է մտածի և պետք է չափազանց հստակ պատկերացում ունենա, պարտավոր է հաշվի առնել բոլոր հնարավոր պատահականություննեըր և չանհանգստանալ։ Անհանգստանալը նույնքան վատ է, ինչքան վախը։ Դա պարզապես ավելի է դժվարացնում գործը։

Նա նստել էր գետակի եզրին և նայում էր, թե ինչպես ժայռերի արանքով հոսում է ջինջ ջուրը։ Մեկ էլ մյուս ափին ջրկոտեմի մի թավ ծածկույթ նկատեց։ Անցավ գետակը, պոկեց երկու բուռ, ցեխոտ արմատները լվաց ջրի հոսանքում, նորից նստեց ուսապարկի կողքին և կերավ մաքուր, սառը դալար տերևներն ու խշխշան կծվահամ ցողունները։ Չոքեց գետակի վրա, մեջքից կախված ատրճանակը տարավ ետ, որպեսզի չթրջվի, ձեռքերով հենվեց երկու քարի և խմեց գետակի ցավ պատճառելու աստիճան սառը ջուրը։

Ձեռքերով քարերին հենված նա ետ մղեց մարմինը, գլուխը շրջեց և այդ պահին տեսավ, որ ծերունին ժայռից ցած է իջնում։ Նրա հետ գալիս էր մի տղամարդ, նույնպես գեղջկական սև շապիկով ու գորշ տաբատով, որը համազգեստի նման հագնում են այս նահանգում, ոտներին պարանե ներբանով կոշիկներ էին, իսկ թիկունքից կախված էր կարաբինը։ Տղամարդը գլխաբաց էր։ Երկուսն էլ այնպես էին իջնում ապառաժների վրայով, կարծես քարայծեր լինեին։

Նրանք մոտեցան, և Ռոբերտ Ջորդանը կանգնեց։

― Salud, Camarada, ― ասաց կարաբինով մարդուն և ժպտաց։

― Salud, ― դժկամությամբ պատասխանեց տղամարդը։

Ռոբերտ Ջորդանը նայեց նրա թավ մազերով պատած համարյա կլոր դեմքին։ Գլուխը նույնպես կլոր էր և սերտաճած ուսերին։ Աչքերը փոքր էին և իրարից բավական հեռու, ականջները նույնպես փոքր էին և կարծես կպած լինեին գլխին։ Հաղթանդամ, շուրջ վեց ոտնաչափ հասակով և խոշոր ձեռներով ու խոշոր ոտներով մարդ էր։ Քիթը ջարդված էր, մազակալած դեմքի վրա կար մի սպի, որ բերանի անկյունը հատելով՝ վերին շրթունքից դեպի ստորին ծնոտն էր ձգվում։

Ծերունին գլխով ցույց տալով տղամարդուն ժպտաց ու ասաց․

― Այս սարերի տերն է, ― հետո քմծիծաղեց, մկանները ցուցադրելու ձևով ծալեց արմունկը և ինչ֊որ կիսածաղրական, կիսահիացական հայացք նետելով կարաբինով մարդու վրա՝ ավելացրեց, ― շատ ուժեղ մարդ է։

― Երևում է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և նորից ժպտաց։

Սակայն այդ մարդու տեսքը նրան դուր չէր եկել և ներքուստ նա բոլորովին չէր ժպտում։

― Քո ինքնությունն ինչո՞վ կարող ես հաստատել, ― հարցրեց կարաբինով մարդը։

Ռոբերտ Ջորդանը դուրս քաշեց ապահով գնդասեղը ֆլանելե շապիկի ձախ կիսագրպանի վրայից, ծալված մի թուղթ հանեց և մեկնեց տղամարդուն․ սա բացեց թուղը, կասկածանքով նայեց և շուռումուռ տվեց։ Նկատելով, որ կարդալ չգիտի, Ռոբերտ Ջորդանն ասաց․

― Նայի՛ր կնիքին։

Ծերունին մատնացույց արեց կնիքը, և կարաբինով մարդն սկսեց ուսումնասիրել այն՝ մատների արանքում շրջելով թուղթը։

― Իսկ ի՞նչ կնիք է սա։

― Դուք դա երբևէ չե՞ք տեսել։

― Ո՛չ։

― Այդտեղ երկու կնիք կա, մեկը ՌՀԾ՝ ռազմական հետախուզական ծառայության, իսկ մյուսը գլխավոր շտաբինն է։

― Այո, այս կնիքը ես տեսել եմ։ Բայց այստեղ հրամայում եմ միայն ես, ― ասաց նա խուլ ձայնով։ ― Ուսապարկում ի՞նչ կա։

― Պայթուցիկ, ― հպարտությամբ ասաց ծերունին։ ― Երեկ գիշեր անցել ենք թշնամու գիծը և ամբողջ օրը, ոտքով, սարերի վրայով շալակած բերել ենք այս պայթուցիկը։

― Պայթուցիկը ինձ պետք կգա, ― ասաց կարաբինով մարդը։ Նա թուղթը վերադարձրեց և ոտից գլուխ չափեց Ռոբերտ Ջորդանին։ ― Այո՛, պայթուցիկի կարիք ունեմ։ Ինձ ինչքա՞ն եք բերել։

― Ես քեզ պայթուցիկ չեմ բերել, ― հանգիստ ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Պայթուցիկը այլ նպատակի համար է։ Իսկ անունդ ի՞նչ է։

― Քեզ ի՞նչ։

― Պաբլո է, ― ասաց ծերունին։ Կարաբինով մարդը մռայլ նայում էր նրանց։

― Լավ է։ Ես քո մասին շատ լավ բաներ եմ լսել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ի՞նչ ես լսել իմ մասին, ― հարցրեց Պաբլոն։

― Լսել եմ, որ դու պարտիզանական հիանալի հրամանատար ես, որ դու հավատարիմ ես Հանրապետությանը, և քո հավատարմությունն ապացուցում ես քո արարքներով, որ դու միաժամանակ և՛ լուրջ, և՛ արի մարդ ես։ Ես քեզ ողջույն եմ բերել գլխավոր շտաբից։

― Որտե՞ղ ես լսել այդ բոլորը, ― հարցրեց Պաբլոն։ Ռոբերտ Ջորդանն համոզվեց, որ շողոքորթ խոսքերը ազդեցություն չեն գործում նրա վրա։

― Լսել եմ սկսած Բուիտրագոյից մինչև Էսկորիպ, ― ասաց նա՝ տալով ռազմագծից այն կողմ գտնվող ամբողջ երկրամասի անունը։

― Ես ոչ մեկին չեմ ճանաչում Բուիտրագոյում, ոչ էլ Էսկորիալում, ― ասաց Պաբլոն։

― Հիմա լեռների այն կողմը ապրում են շատ մարդիկ, որոնք առաջ բնակվել են այլ վայրերում։ Իսկ դու որտեղացի՞ ես։

― Ավիլայից։ Ի՞նչ ես անելու այդ պայթուցիկով։

― Մի կամուրջ եմ պայթեցնելու։

― Ի՞նչ կամուրջ։

― Դա արդեն իմ գործն է։

― Եթե այս շրջանում է, ապա իմ գործն է։ Սեփական բնակավայրի մոտակայքում չի կարելի կամուրջներ պայթեցնել։ Մի տեղ պիտի ապրես, մի այլ տեղ՝ գործես։ Ես իմ գործը գիտեմ։ Ով այս մի տարին կարողացել է կենդանի մնալ, նա իր գործը գիտի։

― Սա իմ գործն է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― թեև մենք կարող ենք նաև միասին քննարկել։ Կօգնե՞ս, որ ուսապարկերը տեղ հասցնենք։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն և թափ տվեց գլուխը։

Ծերունին հանկարծ շրջվեց նրա կողմն ու սկսեց արագ֊արագ և զայրացած խոսել իսպանական մի բարբառով, որ Ջորդանը հազիվ էր կռահում։ Կարծես ընթերցված լիներ Քևեդոյից։ Անսելմոն խոսում էր հին կաստիլիներով և այսպիսի բաներ էր, մոտավորապես ասում․ «Դու անասուն ե՞ս։ Այո՛։ Դու տավա՞ր ես։ Այո՛, և բազում անգամ այո։ Դու ուղեղ ունե՞ս։ Ո՛չ։ Բնավ։ Մենք եկել ենք մեծագույն կարևորության գործով, իսկ դու քո բնակավայրի հանգստության մասին ես հոգում, աղվեսի քո ծակուռը մարդկության շահերից բարձր ես դասում։ Ժողովրդի շահերից բարձր։ Ես քո հոր ըսենցն ու ընենցը։ Ես քո ըսենցն ու ընենցը»։

Պաբլոն հայացքն իջեցրեց։

― Ամեն մարդ պետք է անի այն, ինչ կարող է, բայց պետք է անի այնպես, որ ճիշտ լինի, ― ասաց նա։ ― Ես ապրում եմ այստեղ, իսկ գործում եմ Սեգովիայից անդին։ Եթե դու այստեղ խառնակություններ սկսես, մեզ այս լեռներից որսերի պես կհալածեն։ Մենք այս լեռներում կարող ենք շարունակել մեր կյանքը, եթե ոչինչ չձեռնարկենք այստեղ։ Սա աղվեսի սկզբունքն է։

― Այո՛, ― դառնությամբ ասաց Անսելմոն։ ― Դա աղվեսի սկզբունք է, այնինչ մեզ գայլ է հարկավոր։

― Ես ավելի գայլ եմ, քան դու, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանն արդեն համոզվեց, որ նա ուսապարկը կվերցնի։

― Հրի հոո․․․ ― ծիծաղեց Անսելմոն և նայեց նրան։ ― Դու ավելի գայլ ես, քան ես, ես, որ արդեն վաթսունութ տարեկան եմ։ ― Թքեց գետնին ու թափ տվեց գլուխը։

― Դու այդքան կա՞ս, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը, նկատելով, որ վեճը հարթվում է և իր կողմից նույնպես մեղմելու ինչ֊որ միջոց որոնելով։

― Հուլիսին վաթսունութս կլրանա։

― Եթե երբևէ տեսնենք այդ ամիսը, ― ասաց Պաբլոն, ― թույլ տուր օգնեմ, որ ուսապարկը հասցնենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանին։ ― Մյուսը թող ծերուկին։ ― Նա արդեն խոսում էր ոչ թե բարկացկոտ, այլ տխուր ձայնով։ ― Ուժեղ ծերուկ է։

― Ես կշալակեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ո՛չ, ― ասաց ծերունին։ ― Թո՛ղ այս մյուս ուժեղ տղամարդուն։

― Ես կվերցնեմ, ― ասաց Պաբլոն թախծախառն մի մռայլությամբ, որը խռովեց Ռոբերտ Ջորդանի հոգին։ Նրան ծանոթ էր այդ թախիծը և հիմա, երբ տեսավ, անհանգստացավ։

― Այդ դեպքում կարաբինը տուր ինձ, ― ասաց նա, և, երբ Պաբլոն կարաբինը մեկնեց, նա կախեց ուսից ու հետևեց նրանց, որ ծանրաբեռն մագլցում էին գրանիտյա ապառաժն ի վեր դեպի անտառի կանաչ բացատը։

Նրանք անցան մի փոքրիկ մարգագետնի եզրով, և Ռոբերտ Ջորդանը, որն արդեն ազատվել էր ուսապարկի քրտինք թորող ծանրությունից և ընդամենը մի կարաբին ուսին թեթևաքայլ հետևում էր նրանց, նկատեց, որ խոտը տեղ֊տեղ պոկոտած է և գետնին ցցերի տեղեր կան։ Խոտերի մեջ նա տեսավ մի արահետ, որով ձիերին ջրելու էին տարել, իսկ այս ու այնտեղ թարմ թրիք էր երևում։ Երևի գիշերը բերում են այստեղ արածեցնելու, իսկ ցերեկը թաքցնում են անտառում, մտածեց նա։ Տեսնես քանի՞ ձի ունի այս Պաբլոն։

Նա հիմա հիշեց, որ նկատել էր, բայց առանձնապես ուշադրություն չէր դարձրել այն բանին, որ Պաբլոյի տաբատի ծնկների ու ազդրերի մասերը մաշվածությունից փայլում էին։ Տեսնես կոշիկներ ունի՞, թե այդ ալպարգաթաներն են միայն, մտածեց նա։ Պետք է որ այլ հագ ու կապ էլ ունենա։ Բայց այդ թախիծն ինձ դուր չի գալիս, մտածեց նա։ Այդ թախիծը վատ նշան է։ Այդպիսի թախիծով համակվում են դասալքությունից կամ դավաճանությունից առաջ։ Այդ թախիծը համակում է մարդուն մատնության նախօրյակին։

Անտառում մի ձի խրխնջաց, և սոճիների շագանակագույն թավ կատարներից հազիվ թափանցող արևի շողերի տակ նա տեսավ ծառերի բներին կապկպած պարանե ցանկապատը։ Ձիերը գլուխները երկարել էին մոտեցող մարդկանց կողմը, մի ծառի տակ, ցանկապատից դուրս, իրար վրա դարսված էին բրեզենտով ծածկված թամբերը։

Երբ արդեն բոլորովին մոտիկ էին, ուսապարկերով մարդիկ կանգ առան, և Ռոբերտ Ջորդանն հասկացավ, որ պետք է իր հիացմունքը արտահայտի ձիերի մասին։

― Այո, ― ասաց նա, ― գեղեցիկ են։ ― Դարձավ Պաբլոյին, ― սեփական հեծելազոր էլ ունես։

Պարանե ցանկապատի ներսում հինգ ձի կար, երեքը՝ աշխետ, մեկը՝ դեղձան, մյուսը խատուտիկ։ Բոլորի վրա մի ընդհանուր հայացք գցելուց հետո Ռոբերտ Ջորդանն սկսեց զննել յուրաքանչյուրին առանձին֊առանձին։ Պաբլոն և Անսելմոն գիտեին նրանց արժեքը, և մինչ Պաբլոն, այժմ արդեն հպարտ ու անթախիծ, գուրգուրալից հայացքով նայում էր նրանց, ծերունին, որը կանգնած էր անակնկալ մատուցած մարդու տեսքով, հարցրեց․

― Ո՞նց են։

― Այս բոլորը ես եմ ձեռք բերել, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը թեթևություն զգաց, լսելով նրա հպարտությամբ հնչած խոսքը։

― Ա՛յ, դա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մատնացույց արեց աշխետներից մեկը՝ մի խոշորակազմ նժույգ, որի ճակատին սպիտակ նշան կար և առջևի ոտներից մեկը նույնպես սպիտակ էր։ ― Դա հզոր ձի է։

Գեղեցիկ ձի էր, կարծես Վելասկեսի կտավներից դուրս թռած լիներ։

― Բոլորն էլ լավն են, ― ասաց Պաբլոն։ ― Դու բան հասկանո՞ւմ ես ձիերից։

― Այո՛։

― Ավելի լավ, ― ասաց Պաբլոն, ― մեկնումեկի մոտ որևէ արատ տեսնո՞ւմ ես։

Ռոբերտ Ջորդանն հասկացավ, որ հենց հիմա և հենց այսպես է անգրագետ մարդն ստուգելու իր ինքնության փաստաթղթերը։

Ձիերը գլուխները բարձր պահած դեռևս նայում էին մարդկանց։ Ռոբերտ Ջորդանն անցավ պարանե կրկնակ ցանկապատը և թփթփացրեց խատուտիկի գավակը, ապա հենվեց պարանե ցանկապատին և, երբ ձիերը հանդարտ կանգնեցին, մի րոպեից փոքր֊ինչ ավելի ուշադրությամբ նայեց նրանց, հետո կռացավ և պարանների արանքով դուրս եկավ։

― Դեղձանը ետևի աջ ոտից կաղում է, ― ասաց Պաբլոյին՝ առանց նրան նայելու։ ― Սմբակը ճաքել է, եթե շուտ պայտվի, ճաքը չի խորանա, այլապես շատ պինդ գետնով գնալիս կարող է ջարդվել։

― Սմբակը դեռ այն ժամանակ, երբ մենք նրան բերեցինք, այդպես էր, ― ասաց Պաբլոն։

― Քո լավագույն ձիու՝ սպիտակաճակատ աշխետ նժույգի ոլոքի վերին մասում ուռուցք կա։ Դա ինձ դուր չի գալիս։

― Դատարկ բան է, ― ասաց Պաբլոն։ ― Արդեն երեք օր է, որ առաջացել է, և եթե մի բան լինելու էր, եղած կլիներ։

Նա վերցրեց բրեզենտը և ցույց տվեց թամբերը։ Երկուսը վաքերոյի կամ հովվի ձիու սովորական թամբեր էին, նման ամերիկացի նախրորդների ձիաթամբերին, մեկը՝ նույնպես վաքերոյի, բայց չափազանց զարդարուն, ձեռագործ փոկերով և ծանր ու ծածկովի ասպանդակներով թամբ էր, մյուս երկուսը զինվորական էին, սև կաշվից։

― Մի երկու guardia civil[1] ենք սպանել, ― ասաց նա որպես բացատրություն զինվորական թամբերի առկայության։

― Դա լուրջ խաղ է։

― Նրանք իջել էին ձիերից Սեգովիայից Սանտա Մարիա դել Ռեալ տանող ճանապարհի վրա։ Իջել էին, որպեսզի ստուգեն մի սայլապանի փաստաթղթերը։ Մենք նրանց սպանեցինք առանց ձիերին վնաս պատճառելու։

― Շա՞տ եք գվարդիական սպանել։

― Մի քանի, ― ասաց Պաբլոն, ― բայց միայն այս երկուսի ձիերն են անվնաս մեր ձեռքն ընկել։

― Պաբլոն է պայթեցրել գնացքը Արևալոում, ― ասաց Անսելմոն, ― Պաբլոն։

― Մեզ հետ մի օտարական կար, նա պայթեցրեց, ― ասաց Պաբլոն։ ― Դու նրան ճանաչո՞ւմ ես։

― Անունն ի՞նչ էր։

― Չեմ հիշում։ Հազվադեպ անուն էր։

― Իսկ ինչպիսի՞ն էր ինքը։

― Խարտյաշ էր, քեզ պես, բայց այդքան բարձրահասակ չէր, ձեռները մեծ էին, քիթը՝ ջարդված։

― Կաշկին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― դա պետք է Կաշկինը եղած լինի։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Շատ հազվադեպ անուն էր։ Դրա նման ինչ֊որ բան։ Նրանից ի՞նչ լուր կա։

― Ապրիլին սպանվեց։

― Հենց դա է, որ պատահում է հիմա բոլորին, ― ասաց մռայլված Պեդրոն։ ― Այդպես ենք ավարտելու բոլորս։

― Բոլոր մարդիկ այդպես են ավարտում, ― ասաց Անսելմոն։ Մարդիկ միշտ էլ այդպես են ավարտել։ Ի՞նչ է պատահել քեզ, մարդ, ի՞նչ կա փորումդ։

― Նրանք շատ հզոր են, ― ասաց Պաբլոն։ Նա խոսում էր կարծես ինքն իր հետ։ Մռայլված նայում էր ձիերին։ ― Դուք պատկերացնել իսկ չեք կարող, թե ինչքան են հզոր։ Ես տեսնում եմ, թե ինչպես են օրեցօր ավելի հզորանում ու ավելի լավ սպառազինվում, զինամթերքն էլ է ավելանում։ Իսկ ես՝ ահա, ունեցածս էլ ընդամենն այս ձիերը։ Ի՞նչ կբերի ինձ գալիք օրը։ Հետապնդում որսի պես և հետո մահ։ Ուրիշ ոչինչ։

― Ոնց որ քեզ կարող են որսալ, այնպես էլ դու կարող ես նրանց որսալ, ― ասաց Անսելմոն։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ ― Հիմա արդեն ոչ։ Եթե մենք հիմա հեռանանք այս լեռներից, որտե՞ղ կարող ենք պատսպարվել։ Պատասխանի՛ր։ Որտե՞ղ։

― Իսպանիայում լեռներ շատ կան։ Եթե անհրաժեշտ լինի այստեղից հեռանալ, կարելի է գնալ Սիեռա դե Գրեդոս։

― Ես այդ բանը չեմ անի, ― ասաց Պաբլոն։ ― Ես հոգնել եմ որսի պես հալածվելուց։ Մենք այստեղ լավ ենք ապրում։ Հիմա որ կամուրջը պայթեցվի, պիտի սկսեն հետապնդել։ Եթե իմանան այստեղ ենք, ինքնաթիռներով կորոնեն ու կգտնեն։ Կուղարկեն մարոկցիներին, և մենք ստիպված կլինենք հեռանալու։ Ես հոգնել եմ այս ամենից։ Լսո՞ւմ ես։ ― Դարձավ Ռոբերտ Ջորդանին․ ― Դու ի՞նչ իրավունք ունես, օտարական, գալու և ասելու, թե ես ինչ պետք է անեմ։

― Ես քեզ ոչինչ չեմ ասել, որ անես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Շուտով կասես, ― ասաց Պաբլոն։ ― Այդտեղ է, դրա մեջ է պատուհասը։ ― Նա մատնացույց արեց երկու ծանր ուսապարկերը, որ ձիերին դիտելու միջոցին դրել էին հատակին։ Ձիերը տեսնելուց հետո Պաբլոյի ուղեղը տակնուվրա էր եղել, իսկ երբ Ռոբերտ Ջորդանը տվել էր նրանց գնահատականը, լեզվի կապերը արձակվել էին։ Հիմա կանգնել էին ցանկապատի պարանի կողքին, արևի տարտղնված շողը փայլփլում էր աշխետ նժույգի ստևների վրա։ Պաբլոն նայում էր նժույգին, հետո ոտով հրեց ծանր ուսապարկը։ ― Դրա մեջ է պատուհասը։

― Ես եկել եմ իմ պարտականությունը կատարելու, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես եկել եմ այն մարդկանց հրամանով, ովքեր ղեկավարում են այս մարտերը։ Եթե քեզնից օգնություն խնդրեմ, դու կարող ես մերժել, ես կգտնեմ ուրիշ մարդկանց, որոնք կօգնեն ինձ։ Ես դեռ քեզնից օգնություն չեմ խնդրել։ Ես պետք է կատարեմ այն, ինչ հրամայված է ինձ կատարել, կարող եմ հավաստել, որ դա շատ կարևոր է, իսկ այն, որ ես օտարական եմ, դա իմ մեղքը չէ։ Պիտի նախընտրեի այստեղ ծնված լինել։

― Ինձ համար հիմա ամենակարևորն այն է, որ այստեղ անդորր լինի, ― ասաց Պաբլոն, ― իմ պարտականությունն է հոգալ ինձ հետ եղողների մասին, իմ մասին։

― Քո՛ մասին։ Այո՛, ― ասաց Անսելմոն, ― քո՛ մասին, և արդեն երկար ժամանակ ի վեր։ Քո և քո ձիերի։ Քանի դեռ ձիեր չունեիր, մեզ հետ էիր։ Հիմա դու արդեն կապիտալիստ ես։

― Դա ճիշտ չէ, ― ասաց Պաբլոն։ ― Ընդհանուր գործի համար ես միշտ էլ վտանգի ենթարկել եմ ձիերին։

― Շատ քիչ, ― ասաց Անսելմոն արհամարհանքով։ ― Ինչքան ես եմ հասկանում՝ շատ քիչ։ Գողացե՞լ ես։ Այո՛։ Լավ կերե՞լ ես։ Այո՛։ Սպանե՞լ ես։ Այո՛։ Կռվե՞լ ես։ Ո՛չ։

― Ծերո՛ւկ, դու քո այդ լեզվով փորձանք կբերես գլխիդ։

― Ես ծեր եմ և ոչ ոքից չեմ վախենում, ― ասաց նրան Անսելմոն։ ― Միևնույն ժամանակ ես մի ծերունի եմ, որը ձիեր չունի։

― Դու ծեր ես և կարող ես արդեն երկար չապրել։

― Ես մի ծերունի եմ, որ կապրեմ մինչև իմ մահը, ― ասաց Անսելմոն։ ― Եվ աղվեսներից չեմ վախենում։

Պաբլոն ոչինչ չասաց և վերցրեց ուսապարկը։

― Ոչ էլ գայլերից, ― ասաց Անսելմոն՝ վերցնելով մյուս ուսապարկը։ ― Եթե դու գայլ ես։

― Դե բերանդ փակի՛ր, ― ասաց նրան Պաբլոն։ ― Դու միշտ էլ չափից ավելի շատ ես խոսում։

― Եվ միշտ էլ արել եմ այն, ինչ ասել եմ, ― ասաց ուսապարկի ծանրության տակ կռացած Անսելմոն։ ― Իսկ հիմա քաղցած եմ, և ծարավ։ Դե, գնա՛, քայլի՛ր, պարտիզանների տխրադեմ հրամանատար։ Տար մեզ, որ մի բան ուտենք։

Սկիզբը բավական վատ է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Բայց Անսելմոն տղամարդ մարդ է։ Սրանց լավը հրաշալի է, մտածեց նա։ Սրանց լավի նմանը ուրիշ ոչ մի տեղ չես գտնի, իսկ վատից էլ ոչ մի տեղ ավելի վատը չկա։ Անսելմոն հավանաբար գիտեր, թե ինչ է անում, երբ ինձ առաջնորդում էր այստեղ։ Բայց սա ինձ դուր չի գալիս։ Բոլորովին դուր չի գալիս։

Միակ լուսավոր կետը, առայժմ, այն է, որ Պաբլոն շալակած տանում է ուսապարկը և կարաբինն էլ հանձնել է իրեն։ Գուցե միշտ էլ այդպիսին է նա, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Գուցե այսպես կոչված հավերժ մռայլ տիպերից է։

Չէ, ասաց ինքն իրեն, քեզ հիմարի տեղ մի՛ դնիր։ Նախ դու չգիտես, թե առաջ նա ինչպիսին է եղել։ Բայց որ հիմա նա շատ որոշակիորեն վատ է, դու դա գիտես, և էինքն էլ չի թաքցնում։ Եթե փորձի թաքցնել, ուրեմն արդեն որոշումը կայացրել է։ Հիշի՛ր դա, ասաց ինքն իրեն։ Հենց որ բարեկամական վերաբերմունք նկատես, իմացիր, որ որոշումը կայացրել է։ Ձիերն իսկապես հոյակապ են, մտածեց, շատ գեղեցիկ ձիեր են։ Տեսնես ի՞նչը կարող է ինձ այնպիսին դարձնել, ինչպիսին այս ձիերը դարձրել են Պաբլոյին։ Ծերունին իրավացի էր։ Ձիերը նրան հարստացրել են, և հիմա, որ հարստացել է, ուզում է վայելել կյանքը։ Շուտով կսկսի տառապել, որ Jokey Club֊ի անդամ չի կարող լինել։ Կռահում եմ, մտածեց նա։ Pouvre[2]Պաբլո։ Il a manque son Jokey[3]։

Այդ մտքի վրա տրամադրությունը բարձրացավ։ Ժպտաց, նայելով խոշոր ուսապարկերի տակ կռացած մարդկանց, որոնք ծառերի արանքներով առաջ էին գնում։ Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի զվարճալի բան չէր անցել մտքովը, հիմա, երբ անցավ, տրամադրությունը լավացավ։ Դու էլ ես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են։ Դու էլ ես մռայլ մարդ դառնում։ Երեկ գիշեր, Գոլցի սենյակում, ինքն էլ, անշուշտ, և՛ շատ լուրջ էր, և՛ շատ մռայլ։ Հանձնարարությունը ցնցել էր նրան։ Հիմնիվեր ցնցել։ Գուցե ուրախ էր և ուզում էր, որ բաժանումից առաջ ինքն էլ ուրախ լինի։ Բայց նա չէր կարողացել։

Երբ քրքրում ես հիշողությունդ, տեսնում ես, որ քո ճանաչած մարդկանցից լավագույնները ուրախ մարդիկ էին։ Անհամեմատ ավելի լավ է ուրախ լինելը, դրա մեջ նաև ինչ֊որ խորհուրդ կա։ Կարծես անմահացած լինես դեռևս կենդանության ժամանակ։ Ինչ֊որ բարդ զգացողություն է։

Այդ մարդիկ այժմ շատ չեն։ Չէ՛, այդ ուրախ մարդիկ հիմա քիչ են։ Անեծք էր թափվել գլխներին, քչերը մնացին։ Եվ եթե շարունակես խոհերիդ հանձնվել, տղաս, դու ևս չես մնա։ Խոհերդ դիր մի կողմ, ծերո՛ւկ, հին ընկեր։ Դու հիմա կամուրջ պայթեցնող ես։ Ոչ թե մտածող։ Աստված իմ, այնպես եմ քաղցած։ Հույս ունեմ, որ Պաբլոն ուտելու լավ բաներ կունենա։

Գլուխ երկրորդ

Անտառի թավուտից դուրս եկան ձորակի վերին պնակաձև հատվածը, և նա կռահեց, որ ճամբարը պետք է տեղավորված լինի այդտեղ, ծառերի ետևը, բնական սահմանագիծ հանդիսացող քարափի ստորոտին։

Կարգին ճամբար էր, լավ ճամբար։ Մինչև ընդհուպ չմոտենայիր, չէր երևում։ Օդից էլ չեն կարողանա հայտնաբերել սա, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Վերևից ոչինչ չի երևա։ Լավ էր քողարկված, ինչպես արջի որջը։ Բայց պահակային գործը կարիք ուներ ավելի լավ կազմակերպման։ Նա դրան ուշադրություն էր դարձրել դեռ այն պահից, երբ սկսել էին բարձրանալ։

Քարափի ընդերքում ընդարձակ մի քարայր էր բացված։ Մուտքի մոտ նստել էր մի մարդ։ Նա թիկունքը դեմ էր տվել ժայռին, ոտքերը երկարել էր ու հրացանը հենել պատին։ Դանակով փայտ էր տաշում։ Երբ մոտեցան, մարդը նայեց նրանց, հետո շարունակեց իր փայտը տաշել։

― Hola,[4] ― ասաց նստած մարդը։ ― Այդ ո՞վ է գալիս։

― Ծերունին ու դինամիտավորը, ― ասաց Պաբլոն և ուսապարկը ցած դրեց քարայրի մուտքի ներքնամասում։ Անսելմոն նույնպես ցած դրեց ուսապարկը։ Ռոբերտ Ջորդանը հանեց հրացանը և հենեց ժայռին։

― Քարայրին այդքան մոտիկ մի դրեք դրանք, ― ասաց կապուտաչյա, ապխտած կաշվի մուգ գույնով և գնչուի սիրուն ու ալարկոտ դեմքով մարդը, որ փայտ էր դաշում։ ― Ներսում կրակ կա։

― Վեր կաց և դիր, ա՛յ, այն ծառի տակ, ― ասաց Պաբլոն։

Գնչուն տեղից չշարժվեց, բայց այնպիսի մի բան ասաց, որ հնարավոր չէ թղթին հանձնել։

― Թող մնա, դու էլ հետը պայթիր։ Հիվանդություններդ միանգամից կբուժես, ― ասաց ծույլ֊ծույլ։

― Այդ ի՞նչ ես շինում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ նստելով գնչուի կողքին։ Գնչուն ցույց տվեց չորս թվանշանը հիշեցնող մի թակարդ, որի առանցքակալն էր հիմա տաշում։

― Աղվեսի թակարդ է, ― ասաց նա, ― գերանն ընկնում է, մեջքը ջարդում ու սպանում։ ― Նա ժպտաց Ջորդանին։ ― Ա՛յ, այսպե՛ս, ― ասաց և ցույց տվեց, թե ինչպես է թակարդը գործում, ինչպես է ընկնում գերանը, հետո թափ տվեց գլուխը, ձեռքերը կծկեց, թևերը տարածեց՝ մեջքը ջարդած աղվես պատկերելով։ ― Շատ հարմար է, ― ասաց որպես բացատրություն։

― Դրա բռնածը նապաստակ է, ― ասաց Անսելմոն։ ― Գնչու է, չէ՞։ Գնչուն եթե նապաստակ է որսում, ասում է աղվես է որսացել, իսկ եթե աղվես է որսացել, ապա ուրեմն ասելու է փիղ էր։

― Իսկ եթե փիղ որսա՞մ, ― հարցրեց գնչուն և ցույց տալով սպիտակ ատամներն՝ աչքով արեց Ռոբերտ Ջորդանին։

― Կասես տանկ էր, ― ասաց Անսելմոն։

― Ես տանկ էլ գերի կվերցնեմ, ― ասաց գնչուն։ ― Տանկը կվերցնեմ, իսկ դու այն ժամանակ, ինչ սիրտդ ցանկանա, այն էլ անվանիր։

― Գնչուները շատ խոսում են, քիչ սպանում, ― ասաց Անսելմոն։

Գնչուն նորից աչքով արեց Ռոբերտ Ջորդանին և շարունակեց տաշել։

Պաբլոն քարանձավ էր մտել ու չէր երևում։ Ռոբերտ Ջորդանը մտածեց, որ գնացել է ճաշի կարգադրություններ անելու։ Նա նստեց գետնին գնչուի կողքին, և հետմիջօրեի արևի ճառագայթները ծառերի կատարների արանքով ընկան նրա ձգված սրունքներին ու սկսեցին տաքացնել։ Քարանձավից ճաշի բույր եկավ, ձեթի, սոխի և տապակած մսի բույր, և Ռոբերտ Ջորդանն զգաց, թե ինչպես է քաղցածությունից կծկվում ստամոքսը։

Մենք կարող ենք տանկ գերի վերցնել, ― ասաց նա գնչուին։ Դա այնքան էլ դժվար չէ։

― Դրանո՞վ, ― գնչուն ցույց տվեց երկու ուսապարկերը։

― Այո, ― ասաց Ռաբերտ Ջորդանը։ ― Ես քեզ կսովորեցնեմ։ Դու թակարդ սարքում ես։ Դա ավելի հեշտ է, քան թակարդ սարքելը։

― Դու և ե՞ս։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինչո՞ւ չէ։

― Հե՛յ, ― ասաց գնչուն Անսելմոյին։ ― Վերցրո՛ւ, ապահով մի տեղ դիր այդ ուսապարկերը, հասկացա՞ր։ Թանկարժեք բաներ են։

Անսելմոն քրթմնջաց, հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին և ասաց․

― Գնամ տեսնեմ որտեղ գինի կա։

Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, ուսապարկերը վերցրեց քարայրի մուտքից, տարավ և հենեց մի ծառաբնի երկու հակադիր կողքերին։ Նա գիտեր դրանց պարունակությունը, այդ պատճառով էլ երբեք իրար չէր հենում։

― Ինձ համար էլ բաժակ բեր, ― ասաց գնչուն Անսելմոյին։

― Գինի կա՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ նորից նստելով գնչուի կողքին։

― Գինի՞։ Ինչո՞ւ չէ։ Ամբողջ մի տիկ։ Կես տիկ։ Կես տիկ, հաստատ։

― Իսկ ուտելու ի՞նչ կա։

― Ամեն ինչ, բարեկամս, ― ասաց գնչուն։ ― Գեներալների պես ենք սնվում։

― Իսկ ի՞նչ են անում գնչուները պատերազմի ժամանակ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Շարունակում են իրենց գնչուությունը։

― Լավ գործ է։

― Շատ լավ, ― ասաց գնչուն։ ― Անունդ ի՞նչ է։

― Ռոբերտո։ Իսկ քո՞նը։

― Ռաֆայել։ Իսկ այն, ինչ ասացիր տանկի մասին, լո՞ւրջ էր։

― Իհարկե։ Ինչո՞ւ չէ։

Քարայրի բերանին երևաց Անսելմոն՝ ձեռքներին կարմիր գինով լեցուն քարե խորունկ մի թաս, մատներին՝ կանթերից կախված երեք բաժակ։

― Մի տես, է՜, ― ասաց ծերուկը, ― բաժակներ էլ ունեն։ ― Նրա ետևից դուրս եկավ Պաբլոն։

― Շուտով ճաշը կբերեն, ― ասաց նա։ ― Ծխախոտ ունե՞ս։

Ռոբերտ Ջորդանը մոտեցավ ուսապարկին, բացեց մեկի բերանը, շոշափելով ներքնագրպանից հանեց ռուսական սիգարետների մի տուփ, որ տվել էին իրեն Գոլցի գլխավոր շտաբում։ Բթամատի եղունգով գիծ քաշեց տուփի կողերին և բացելով կափարիչը մեկնեց Պաբլոյին։ Սա մի կես դյուժին վերցրեց, պահեց իր հսկա ափի մեջ, հետո մեկն առավ մյուս ձեռքը և լույսի դիմաց ուշադիր նայեց։ Երկարավուն, բարակ սիգարեթներ էին, բերանի կողմը գլանաձև խավաքարտից էր։

― Օդը շատ, ծխախոտը քիչ, ― ասաց նա։ ― Ծանոթ են։ Սրանցից այն հազվադեպ անունով մարդն էր ծխում։

― Կաշկինը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և հյուրասիրեց գնչուին ու Անսելմոյին, որոնք մեկական հատ վերցրեցին։

― Էլի վերցրեց, ― ասաց նա, և նրանք մեկական հատ էլ վերցրեցին։ Նա նրանց չորսական հատ էլ տվեց և նրանք, սիգարետները ձեռքին պահած, գլխով երկու անգամ շնորհակալություն հայտնեցին, իսկ սիգարետների ցցված ծայրերը մեկ իջնում էին և մեկ էլ բարձրանում՝ ինչպես լինում է սրերով պատիվ տալիս։

― Այո, հազվադեպ անուն էր, ― ասաց Պաբլոն։

― Խմենք, ― ասաց Անսելմոն ու լցրեց բաժակներից մեկը և մեկնեց Ռոբերտ Ջորդանին, հետո լցրեց իր և գնչուի բաժակները։

― Իսկ ինձ գինի չի՞ հասնում, ― հարցրեց Պաբլոն։ Բոլորը նստել էին քարայրի մուտքում։

Անսելմոն իր բաժակը տվեց նրան և գնաց ևս մեկ բաժակ բերելու քարայրից։ Վերադարձավ, սուզեց բաժակը թասի մեջ, լցրեց բերնեբերան, և բաժակները շխկացրին։

Լավ գինի էր։ Թեև տիկը պատած խեժի համը զգացվում էր մի քիչ, բայց հիանալի գինի էր, ջինջ, թեթև։ Ռոբերտ Ջորդանը խմեց դանդաղ՝ ըմբոշխնելով հոգնած մարմնի մեջ տարածվող ջերմությունը։

― Ճաշը շուտով կլինի, ― ասաց Պաբլոն։ ― Իսկ այդ հազվադեպ անունով օտարականն ինչպե՞ս մեռավ։

― Շրջապատման մեջ է ընկել և անձնասպան է եղել։

― Իսկ ինչպե՞ս է պատահել։

― Վիրավորված է եղել և չի ուզեցել գերի ընկնել։

― Իսկ ավելի մանրամա՞սն։

― Չգիտեմ։ ― Ստեց։ Մանրամասնությունները շատ լավ գիտեր, բայց գիտեր նաև, որ այս պահին դրա մասին պետք չէ խոսել։

― Գնացքի պայթեցման ժամանակ նա մեզ ստիպում էր, որպեսզի խոստանանք սպանել իրեն, եթե վիրավորվի ու անկարող լինի հեռանալու, ― ասաց Պաբլոն։ ― Մի ուրիշ ձևով էր խոսում, տարօրինակ էր։

Ուրեմն դեռևս այն ժամանակ նա ջղագրգիռ վիճակում է եղել, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Խեղճ Կաշկին։

― Դեմ էր ինքնասպանության, ― ասաց Պաբլոն։ ― Ինքն է ասել ինձ դրա մասին։ Բայց շատ էր սարսափում տանջանքներից։

― Ա՞յդ էլ է ասել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Այո, ― ասաց գնչուն։ ― Բոլորիս էլ ասում էր։

― Դո՞ւ էլ ես մասնակցել գնացքի պայթեցմանը։

― Այո։ Մենք բոլորս էլ մասնակցել ենք։

― Տարօրինակ ձևով էր խոսում, ― ասաց Պաբլոն։ ― Բայց շատ քաջ մարդ էր։

Խեղճ Կաշկին, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Նա այստեղ, երևի, ավելի շատ վնաս է հասցրել, քան օգուտ։ Եթե իմանայի՜, որ նա դեռևս այն ժամանակ այդպիսի ջղագրգիռ վիճակում է եղել։ Նման խոսակցություններ վարող մարդկանց այսպիսի գործեր պետք չէ հանձնարարել։ Այդպես չի կարելի խոսել։ Այդպիսի դատարկ խոսակցություններ վարող մարդկանց պատճառած վնասը ավելի մեծ է, քան տված օգուտը, նույնիսկ եթե իրենց առաքելությունը գլուխ են բերում։

― Մի քիչ տարօրինակ մարդ էր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Երևի մի փոքր խանգարված էր։

― Բայց շատ վարպետ էր պայթեցման գործում, ― ասաց գնչուն։ ― Եվ շատ քաջ էր։

― Բայց խանգարված, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այս գործում խելք ունենալը քիչ է, պետք է նաև սառը գլուխ ունենալ։ Այդ տիպի խոսակցություններ չի կարելի վարել։

― Իսկ եթե դու վիրավորվես այդ կամրջի պայթեցման ժամանակ, պիտի ուզե՞ս, որ քեզ թողնեն այնտեղ, ― ասաց Պաբլոն։

― Լսի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ձգվեց առաջ ու գինի լցրեց բաժակը։ ― Ուշադիր լսիր։ Եթե երբևէ որևէ խնդիրքով որևիցե մեկին դիմելու լինեմ, ապա կդիմեմ անհրաժեշտ պահին։

― Լավ է, ― հավանություն տվեց գնչուն։ ― Խելացի մարդու խոսք է։ Օհո՜, բերեցին։

― Դու արդեն ճաշել ես, ― ասաց Պաբլոն։

― Ես կարող եմ երկու այդքան էլ ուտել, ― ասաց գնչուն։ ― Մի նայի՛ր, տե՛ս, թե ով է բերում։

Քարայրի բերանից դուրս գալիս աղջիկը կռացավ, նրա ձեռներին երկաթյա մի մեծ տապակ կար։ Ռոբերտ Ջորդանը նրա դեմքը տեսավ քովնտի և հենց այդ ժամանակ էլ նկատեց այն, ինչն աղջկան արտասովոր էր դարձնում։ Աղջիկը ժպտաց և ասաց․

― Hola, ընկեր։

― Salud, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ճիգ գործադրեց, որպեսզի շեշտակի չնայի, ոչ էլ հայացքը փախցնի։

Աղջիկը երկաթյա տապակը դրեց նրա առջև և Ջորդանի հայացքն ընկավ աղջկա գեղեցիկ թուխ ձեռքերին։ Նա հիմա ուղիղ իր դեմքին էր նայում և ժպտում։ Ատամներն սպիտակ էին, դեմքը՝ շագանակագույն, այդ նույն շիկաշագանակագույն ոսկերանգն ունեին և՛ մաշկը, և՛ աչքերը։ Այտոսկրերը ցցված էին, աչքերը՝ ուրախ, բերանը՝ ուղղագիծ, շրթները՝ հուռթի։ Մազերը ցորենի արտի արևավառ ոսկեշագանակագույն էին, սակայն՝ կարճ, փոքր֊ինչ ավելի երկար քան կուղբի մուշտակի մազերը։ Նա ժպտում էր Ռոբերտ Ջորդանին և թուխ ձեռքը սահեցնում մազերի վրայով, որոնք անմիջապես ցցվում էին, երբ հեռացնում էր ձեռքը։ Դեմքը գեղեցիկ է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Շատ ավելի գեղեցիկ կլիներ, եթե մազերը խուզված չլինեին։

― Այսպես եմ սանրվում, ― ասաց նա Ռոբերտ Ջորդանին և ծիծաղեց։ ― Դե կերե՛ք։ Այդպես մի նայեք։ Վալլադոլիդում եմ այս սանրվածքով օժտել ինձ։ Հիմա արդեն երկարել են։

Նստեց գետնին, ուղիղ իր դիմաց և սկսեց նայել իրեն։ Ինքն էլ նայեց նրան, և աղջիկը ժպտաց ու ձեռքերն իրար կանթեց ծնկների վրա։ Սռնազգեստը ձգվեց վերև և երևացին մաքուր, երկար սրունքները։ Ռոբերտ Ջորդանը տեսնում էր աղջկա գորշ շապկի տակ ցցված փոքրիկ կրծքերը։ Ամեն անգամ, երբ հայացքը ընկնում էր աղջկա վրա, զգում էր, որ ինչ֊որ բան սեղմում է կոկորդը։

― Պնակ չկա, ― ասաց Անսելմոն, ― ոչ էլ դանակ։ Օգտագործիր քոնը։

Աղջիկը ընդամենը չորս պատառաքաղ էր բերել և ատամները դեպի ներքև՝ դրել երկաթյա տապակի կողքերին։

Բոլորն ուտում էին տապակից և ըստ իսպանական սովորության՝ լռելյայն։ Սոխով և կանաչ տաքդեղով եփված նապաստակի միս էր, կողքին՝ գինուց պատրաստած սոուսով կանաչ ոլոռ։ Լավ էր եփած, նապաստակի միսը ինքնիրեն պոկվում էր ոսկրից, իսկ սոուսն անչափ համեղ էր։ Ուտելիս Ռոբերտ Ջորդանը ևս մի բաժակ գինի խմեց։ Ճաշի ամբողջ ընթացքին աղջիկը նայում էր նրան։ Բոլորն զբաղված էին ուտելով։ Ռոբերտ Ջորդանը հացի կտորով սրբեց տապակի իր առջև գտնվող մասի սոուսը, նապաստակի ոսկորները հավաքեց մի կողմի վրա, նրանց տեղում եղած սոուսն էլ սրբեց, հետո նույն հացի կտորով սրբեց պատառաքաղը, ապա իր դանակը, որը դրեց մի կողմ և հացը տարավ բերանը։ Կռացավ, բաժակը բերնեբերան գինի լցրեց։ Աղջիկը շարունակում էր նայել նրան։

Ռոբերտ Ջորդանը բաժակի գինու կեսը խմեց, և երբ խոսեց աղջկա հետ, զգոց, որ կոկորդը նորից սեղմվեց։

― Անունդ ի՞նչ է, ― հարցրեց աղջկան։

Պաբլոն միանգամից շրջվեց Ռոբերտ Ջորդանի կողմը, երբ լսեց նրա ձայնի նոր երանգը։ Հետո վեր կացավ ու գնաց։

― Մարիա։ Իսկ ձե՞րը։

― Ռոբերտո։ Վաղո՞ւց ես այս լեռներում։

― Երեք ամիս է։

― Երեք ամի՞ս, ― և նայեց նրա խիտ ու կարճ մազերին, որ հիմա ալիքվում էին շփոթված աղջկա ետ ու առաջ վազող ձեռքի տակ, ինչպես բլրալանջին փռված ցորենի արտերը քամու ժամանակ։

― Ածիլել էին, ― ասաց աղջիկը։ ― Վալլադոլիդի բանտում կանոնավոր հաճախականությամբ ածիլում էին։ Երեք ամսում այսքան աճեցին։ Ես գնացքում էի։ Ինձ հարավ էին տեղափոխում։ Գնացքի պայթեցումից հետո բանտարկյալներից շատերին նորից բռնեցին, բայց ես չբռնվեցի։ Ես սրանց հետ եկա։

― Թաքնվել էր ժայռերի արանքում, ես գտա, երբ նահանջում էինք, ― ասաց գնչուն։ ― Այ թե տգեղ էր։ Վերցրինք, բայց ամբողջ ճանապարհին մտածում էի, որ պետք է թողած լինեինք։

― Իսկ այս մեկը, որ գնացքի ժամանակ սրանց հետ էր, այն խարտյաշ օտարականը, որտե՞ղ է, ― հարցրեց Մարիան։

― Մեռավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ապրիլին։

― Ապրիլի՞ն։ Գնացքն էր ապրիլին։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նա մեռավ գնացքի պայթեցումից տասն օր հետո։

― Խեղճ մարդ, ― ասաց աղջիկը։ ― Շատ քաջ մարդ էր։ Դո՞ւք էլ եք նույն գործն անում։

― Այո։

― Գնացնքե՞ր էլ եք պայթեցրել։

― Այո։ Երեք գնացք։

― Այստե՞ղ։

― Էսթրեմադուրայում, ― ասաց նա։ ― Մինչև այստեղ գալս այնտեղ էի։ Լավ գործեր էինք անում։ Մերոնցից շատերն են Էսթրեմադուրայում։

― Իսկ հիմա ինչո՞ւ եք այս սարերն եկել։

― Խարտյաշին փոխարինելու։ Եվ, բացի այդ, ես այս կողմերին ծանոթ եմ դեռ խաղաղության օրերից։

― Եվ լա՞վ գիտեք այս վայրերը։

― Ոչ, իհարկե ոչ այնքան լավ։ Բայց ես շատ արագ եմ կողմնորոշվում։ Բացի այդ, լավ քարտեզ ունեմ և լավ առաջնորդ։

― Ծերունին, ― գլխի շարժումով հաստատեց աղջիկը։ ― Ծերունին լավն է։

― Շնորհակալություն, ― ասաց Անսելմոն աղջկան, և Ռոբերտ Ջորդանն հանկարծ զգաց, որ ինքը ու աղջիկը մենակ չեն, զգաց նաև, որ աղջկան նայելիս նույնիսկ ձայնն է փոխվում։ Նա խախտում էր իսպանախոս մարդկանց հետ խաղաղ համակեցության երկու պարտադիր կանոններից մեկը, այն է՝ տղամարդկանց ծխախոտ հյուրասիրել, կանանց հանգիստ թողնել։ Եվ նա զգաց, հանկարծ, որ ինքը հաշվի չէր նստել երկրորդ կանոնի հետ։ Բայց աշխարհում այնքան բաներ կան, որոնց հետ նա հաշվի չի նստում, ինչո՞ւ այս մեկի հետ պետք է հաշվի նստի։

― Շատ գեղեցիկ դեմք ունես, ― ասաց նա Մարիային։ ― Այ բախտս բերած կլիներ, եթե քեզ հանդիպեի մինչև մազերդ սափրելը։

― Կաճեն, ― ասաց աղջիկը։ ― Վեց ամսից հետո լավ կերկարեն։

― Դու նրան պետք է տեսնեիր, երբ գնացքից բերեցինք։ Այնքան տգեղ էր, ուղղակի զզվանք։

― Ո՞ւմ մտերիմն ես, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը, ջանալով արդեն ազատվել նրանից։ ― Պաբլոյի՞։

― Պաբլոյի՞։ Իսկ դու Պաբլոյին չտեսա՞ր։

― Դե լավ։ Ռաֆայելի։ Ռաֆայելին տեսնում եմ։

― Ոչ մեկի, ― ասաց գնչուն։ ― Շատ տարօրինակ կին է։ Ոչ մեկինը չէ։ Բայց լավ խոհարար է։

― Իսկապե՞ս ոչ մեկինը, ― հարցրեց աղջկան Ռոբերտ Ջորդանը։

― Ոչ մեկինը։ Ոչ մեկի։ Ոչ կատակով, ոչ էլ լրջորեն։ Ոչ էլ ձերը կլինեմ։

― Ո՞չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և զգաց, որ կոկորդը նորից սեղմվում է։ ― Լավ։ Ասենք կանանց համար ես ոչ էլ ժամանակ ունեմ։ Իսկապես չունեմ։

― Ոչ իսկ տասնհի՞նգ րոպե, ― հարցրեց գնչուն ձեռ առնելով։ Քառորդ ժամ էլ չունե՞ս։

Ռոբերտ Ջորդանը չպատասխանեց։ Նա նայեց աղջկան՝ Մարիային, կոկորդը այնպես էր սեղմվել, որ չփորձեց խոսել։ Մարիան նայում էր նրան ու ծիծաղում, հետո հանկարծ շիկնեց, բայց շարունակեց նայել։

― Դու շիկնում ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը աղջկան։ ― Հաճա՞խ ես շիկնում։

― Երբեք։

― Հիմա շիկնում ես։

― Դե ուրեմն գնամ քարայր։

― Մնա՛, Մարիա։

― Ո՛չ, ― ասաց աղջիկը և այլևս չժպտաց։ ― Արդեն պետք է քարայր գնամ։ ― Վերցրեց երկաթյա տապակը, որով ճաշն էր բերել և որի միջից կերել էին, վերցրեց չորս պատառաքաղները։ Շարժումները ձախավեր էին, բայց՝ նրբագեղ, ինչպես մտրուկինը։

― Բաժակները թողնե՞մ, ― հարցրեց աղջիկը։

Ռոբերտ Ջորդանը շարունակում էր նայել նրան, և աղջիկը նորից շիկնեց։

― Մի՛ նայեք այդպես, ― ասաց նա։ ― Ինձ դուր չի գալիս դա։

― Բաժակները թո՛ղ, ― ասաց գնչուն աղջկան։ ― Վերցրո՛ւ, ― և գինով լի բաժակը մեկնեց Ռոբերտ Ջորդանին, որը հայացքով հետևում էր երկաթյա ծանր տապակը ձեռքին քարայրի մուտքով կռացած ներս անցնող աղջկան։

― Շնորհակալություն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Հիմա, երբ աղջիկը գնացել էր, ձայնը նորից խաղաղվել էր։ ― Սա վերջին բաժակն է։ Բավական է արդեն ինչքան խմեցինք։

― Թասը պետք է վերջացնենք, ― ասաց գնչուն։ ― Դեռ կես տիկ էլ կա։ Մի ձիաբեռ բերել ենք։

― Պաբլոյի վերջին ասպատակությունն էր, ― ասաց Անսելմոն։ ― Դրանից հետո ոչինչ չի արել։

― Քանի՞ հոգի եք այստեղ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Յոթը հոգի և երկու կին։

― Երկո՞ւ։

― Այո։ Պաբլոյի mujer֊ը:[5]

― Իսկ որտե՞ղ է։

― Քարայրում։ Աղջիկը ճաշ եփել չգիտի։ Ես նրան գովեցի հաճոյանալու համար։ Նրա գործը Պաբլոյի mujer֊ին օգնելն է։

― Իսկ ինչպիսի՞ն է նա, Պաբլոյի mujer֊ը։

― Մի վայրենի, ― ծիծաղելով ասաց գնչուն։ ― Չտեսնված վայրենի։ Պաբլոն տգեղ է, չէ՞, բայց եթե տեսնես կնոջը, նոր կիմանաս տգեղն ինչ է։ Բայց քաջ է։ Պաբլոյից հարյուր անգամ քաջ։ Բայց վայրենի է։

― Մի ժամանակ Պաբլոն էլ քաջ էր, ― ասաց Անսելմոն։ ― Մի ժամանակ Պաբլոն կարգին մարդ էր։

― Նա ավելի շատ է մարդ սպանել, քան խոլերան, ― ասաց գնչուն։ ― Պատերազմի առաջին օրերին նա ավելի շատ մարդ է սպանել, քան տիֆը։

― Բայց ահա արդեն երկար ժամանակ է, որ muy flojo[6] է, ― ասաց Անսելմոն։ ― Շատ է թուլացել։ Սարսափում է, որ կմեռնի։

― Դա հավանաբար նրանից է, որ մի ժամանակ շատ է մարդ սպանել, ― փիլիսոփայեց գնչուն։ ― Պաբլոն ավելի շատ մարդ է սպանել, քան բուբոնային ժանտախտը։

― Դա և հարստությունը, ― ասաց Անսելմոն։ ― Մեկ էլ, որ չափից շատ է խմում։ Հիմա նա միայն մի բան է ուզում՝ matador de toros-ի նման գնա ու հանգստանա, ոնց որ ցլամարտիկ։ Բայց ո՞նց գնա։ Չի կարող։

― Եթե ռազմաճակատային գիծն անցնի, ձիերը կվերցնեն, իրեն էլ բանակ կտանեն, ― ասաց գնչուն։ ― Իսկ նա բանակում ծառայելու ոչ մի ձգտում չունի, ոնց որ ես։

― Ոնց որ բոլոր գնչուները, ― ասաց Անսելմոն։

― Իսկ ինչո՞ւ ձգտենք, ― հարցրեց գնչուն։ ― Ո՞ւմ է դուր գալիս բանակում ծառայելը։ Ի՞նչ է, հեղափոխություն ենք անում, որպեսզի բանակո՞ւմ ծառայենք։ Ես կկռվեմ, բայց բանակում ծառայել չեմ ուզում։

― Որտե՞ղ են մյուսները, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ Նա զգում էր, որ գինին սկսել է թուլացնել մարմինը և քունը տանում է։ Մեջքի վրա գետնին պառկած նա ծառերի կատարների արանքներից տեսնում էր հետմիջօրեի ամպի ծվենները, որ շարժվում էին սարերի վրայով իսպանական երկնքում։

― Երկուսը քարայրում քնած են, ― ասաց գնչուն։ ― Երկուսը վերևում գնդացրի մոտ են, մեկն էլ ներքևում է։ Բոլորն էլ, հավանաբար, քնած են։

Ռոբերտ Ջորդանը շուռ եկավ ու կողքի պառկեց։

― Ի՞նչ գնդացիր է։

― Շատ տարօրինակ անուն ունի, ― ասաց գնչուն։ ― Հիմա չեմ հիշում։ Գնդացիր է։

Հավանաբար ձեռքի գնդացիր է, մտածեց Ռոբերտ Ջորդանը և հարցրեց․

― Իսկ քաշն ինչքա՞ն է։

― Մի հոգին թեև կարող է տանել, բայց ծանր է։ Երեք ծալովի ոտք ունի։ Վերջին լուրջ հարձակման ժամանակ ձեռք գցեցինք։ Գինուն նախորդած հարձակման։

― Ինչքա՞ն փամփուշտ ունեք։

― Անսահման, ― ասաց գնչուն։ ― Լեփլեցուն արկղ՝ այնքան ծանր, խելքից դուրս։

― Երևի հինգ հարյուր տուփ, մտածեց Ռոբերտ Ջորդանը։

― Իսկ ինչպե՞ս է լիցքավորվում, սկավառակի՞ց թե՝ ժապավենից։

― Թեթեղյա շրջանակներ են, դրված են գնդացրի վերևում։

Պարզ է, «Լյուիս» է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։

― Գնդացիրներից գլուխ հանո՞ւմ ես, ― հարցրեց ծերունուն։

― Nada, ― ասաց Ամսելմոն։ ― Բոլորովին։

― Իսկ դո՞ւ, ― դարձավ գնչուին։

― Գիտեմ, որ շատ արագ են կրակում, և փողն այնքան է տաքանում, որ եթե ձեռքդ կպավ, կայրվի, ― հպարտ֊հպարտ ասաց գնչուն։

― Այդքանը բոլորը գիտեն, ― ասաց Անսելմոն արհամարհանքով։

― Գուցե, ― ասաց գնչուն։ ― Բայց քանի որ նա ինձ հարցրեց, թե ինչ գիտեմ maquina[7]֊յի մասին, ես էլ ասացի։ ― Հետո ավելացրեց, ― ի տարբերություն սովորական հրացանից, գնդացիրը կրակում է այնքան ժամանակ, քանի ձգանը սեղմած է։

― Եթե չլռվի, փամփուշտը չհատնի կամ տաքանալուց չհալվի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը անգլերեն։

― Ի՞նչ ասացիր, ― հարցրեց Անսելմոն։

― Ոչինչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ապագան էի գուշակում անգլերեն։

― Իսկապես տարօրինակ է, ապագան ingles գուշակել, ― ասաց գնչուն։ ― Իսկ ձեռքի ափին նայելով կարո՞ս ես գուշակություններ անել։

― Ո՛չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և գինի լցրեց բաժակը։ ― Եթե դու կարող ես, նայիր ափիս մեջ և ասա, թե այս երեք օրն ինչ է լինելու։

― Պաբլոյի mujer֊ը կարող է կարդալ ձեռքի ափի մեջ, ― ասաց գնչուն։ ― Բայց նա այնպիսի կատաղած վայրենի է, որ չգիտեմ՝ կանի թե ոչ։

Ռոբերտ Ջորդանը, հիմա արդեն նստած, մի կում գինի առավ բերանը։

― Դե բերեք տեսնենք Պաբլոյի այդ mujer֊ին, ― ասաց նա։ ― Եթե իսկապես այդքան գեշ է, տեսնենք՝ վերջանա։

― Ես նրան չեմ անհանգստացնի, ― ասաց Ռաֆայելը։ ― Նա ինձ ատելով ատում է։

― Ինչո՞ւ։

― Ինձ համարում է ժամանակ մսխող։

― Ինչպիսի՜ անարդարություն, ― խայթեց Անսելմոն։

― Տանել չի կարող գնչուներին։

― Ինչպիսի՜ սխալ, ― ասաց Անսելմոն։

― Իր մեջ էլ գնչուի արյուն է հոսում, ― ասաց Ռաֆայելը։ ― Գիտի, թե ինչ է խոսում։ ― Քմծիծաղեց։ ― Բայց այնպիսի լեզու ունի, այնպես է դաղում, ոնց որ մտրակ։ Նա իր լեզվով ուզածդ մարդու կաշին կպոկի։ Շերտ առ շերտ։ Աներևակայելի վայրենի է։

― Իսկ ինչպե՞ս է աղջկա՝ Մարիայի հետ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Լավ։ Աղջկան սիրում է։ Թող փորձի մեկն ու մեկը մոտիկ գալ նրան, ― ասաց գնչուն, թափ տվեց գլուխը և չփփացրեց լեզուն։

― Աղջկա հետ շատ լավ է վարվում, ― ասաց Անսելմոն։ ― Նրա նկատմամբ շատ հոգատար է։

― Դու աղջկան պիտի տեսնեիր, երբ վերցրինք, գնացքի պայթեցման ժամանակ, ― ասաց Ռաֆայելը, ― շատ տարօրինակ էր, չէր խոսում, անընդհատ լալիս էր, իսկ երբ որևէ մեկը դիպչում էր, սկսում էր թրջված շան նման դողալ։ Երկար ժամանակ անցավ, մինչև որ սկսեց տեսքի գալ։ Հետո արդեն լավ սիրունացավ։ Այսօր հրաշալի էր։ Քիչ առաջ, քեզ հետ խոսելիս, հիանալի էր։ Պատկերացնո՞ւմ ես, ուզում էինք թողնել գնացքից հետո։ Է, արժե՞ր արդյոք ինչ֊որ տխուր, տգեղ և բացահայտ անպետք մի բանի համար ճամփից ետ ընկնել։ Բայց պառավը նրան պարանով կապեց, և հենց որ աղջիկը հոգնությունից կանգ էր առնում, պառավը խփում էր պարանի ծայրով՝ ստիպելով նրան, որ քայլի։ Հետո, երբ աղջիկն արդեն իսկապես չէր կարողանում քայլել, պառավը նրան շալակն առավ։ Երբ պառավը հոգնում էր, ես էի շալակում։ Բարձրանում էինք սարն ի վեր մինչև կրծքներս հասնող որոճի ու հավամրգիի մացառուտների միջով։ Երբ ես էլ արդեն հոգնեցի, Պաբլոն շալակեց աղջկան։ Բայց ինչեր էր ասում մեզ պառավը, երբ այլևս չէինք ուզում շալակել աղջկան։ ― Գնչուն թափ տվեց գլուխը, հիշելով պառավի խոսքերը։ ― Ճիշտ է, աղջիկը բարձրահասակ է, բայց ծանր չէր։ Բայց երբ շալակած քայլում ես, հետո կանգ առնում ու կրակում և նորից շալակում, ծանրությունն զգացվում է։ Իսկ պառավը գալիս էր մեր ետևից՝ Պաբլոյի հրացանը ուսին գցած, մի կողմից էլ պարանի ծայրով մտրակելով նրան, հետո նորից ստիպում էր շալակել, մի կողմից հայհոյում էր, մյուս կողմից՝ լցնում հրացանը, պայուսակից հանում էր փամփուշտները, լցնում հրացանի պահեստատուփը և հայհոյում։ Լավ էր, որ սկսեց մթնել, իսկ երբ գիշերը վրա հասավ, ամեն ինչ տեղն ընկավ, մեր բախտից էր, որ հեծելազոր չունեին։

― Երևի շատ դժվար է եղել այդ գնացքի կռվին, ― ասաց Անսելմոն։ ― Ես այստեղ չեմ եղել, ― ավելացրեց որպես բացատրություն Ռոբերտ Ջորդանին։ ― Պաբլոյի խումբն է եղել, Էլ Սորդոյինը, որին այս գիշեր կտեսնեք, և այս սարերը քաշված երկու այլ խմբեր։ Ես գնացել էի ռազմաճակատի մյուս կողմը։

― Դրանց գումարած այն հազվադեպ անունով խարտյաշը, ― ասաց գնչուն։

― Կաշկինը։

― Այո։ Դա մի անուն է, որ ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել։ Երկու հոգի էլ կային, գնդացրով։ Նրանց էլ բանակից էին ուղարկել։ Չկարողացան գնդացիրը քարշ տալ և թողեցին։ Իհարկե այն ավելի ծանր չէր, քան աղջիկը, և եթե պառավը գլխներին կանգնած լիներ, կստիպեր, որ տանեին։ ― Գլուխը թափ տվեց հիշելով այդ բոլորը և շարունակեց։ ― Ես կյանքումս այնպիսի բան չէի տեսել, ինչ տեսա այդ պայթեցման ժամանակ։ Գնացքը հանգիստ գալիս էր։ Մենք հեռվից տեսնում էինք։ Այնքան էի հուզված, ասելու չի։ Տեսնում էինք գոլորշին, հետո լսեցինք սուլոցը։ Հետո գնացքը չու֊չու֊չու֊չու֊չու֊չու անելով հանգիստ մոտեցավ, ավելի, էլ ավելի և հետո, պայթյունի պահին, շոգեքարշի անիվները ծառս եղան, ամբողջ երկիրը կարծես ծառս եղավ, սև ամպերով պատեց չորսբոլորը, մի դղրդյուն լսվեց, շոգեքարշը օդ բարձրացավ փոշու ամպերի և փայտակոճերի հետ, ոնց որ երազում, հետո ընկավ կողի վրա՝ վիրավորված մի գազանի նման և մեկ էլ, երբ դեռ թափվում էին մեզ վրա պայթյունից բարձրացած հողակույտերը, մի սպիտակ գոլորշի ժայթքեց և maquina֊ն սկսեց կրակել՝ տա֊տատ֊տա֊տատ, ― շարունակեց գնչուն՝ ցցված բթամատերը և բռունցքները վերև ներքև անելով երևակայական գնդացրի վրա։ ― Տա, տա, տատ։ Տատ, տատ, տա։ Ես կյանքումս չէի տեսել, թե ինչպես են գնացքից զինվորները փախչում և ինչպես է maquina֊ն կրակում նրանց վրա, ինչպես են մարդիկ ընկնում։ Այդ ժամանակ էր, որ ես, գլուխս կորցրած, ձեռքս դրի maquina֊յի վրա և զգացի, որ փողը կրակ է դարձել, հենց այդ պահին էլ պառավը մի ապտակ հասցրեց ու գոռաց՝ կրակի՛ր, ապո՛ւշ, կրակի՛ր, թե չէ ուղեղդ կթափեմ։ Հետո ես սկսեցի կրակել, բայց շատ դժվար էր հրացանը ամուր պահել, իսկ զինվորները փախչում էին դեպի դեպի հեռավոր բլուրի կողն ի վեր։ Ավելի ուշ, երբ մենք իջել էինք գնացքի մոտ տեսնելու, թե ինչ կա տանելու, մի սպա, ատրճանակը պահած զինվորների վրա, ստիպում էր նրանց վերադառնալ։ Ատրճանակը թափ էր տալիս ու գոռում էր զինվորների վրա, մենք անընդհատ կրակում էինք, բայց չէինք կարողանում խփել նրան։ Հետո մի քանի զինվոր պառկեցին և սկսեցին կրակել, իսկ սպան նրանց ետևում, ատրճանակը ձեռքին, ետ ու առաջ էր գնում֊գալիս, մենք չէինք կարողանում խփել նրան, իսկ գնդացրից չէր լինի նրա վրա կրակել, որովհետև գնացքը խանգարում էր։ Սպան երկու հոգու գնդակահարեց, որովհետև պառկել էին ու չէին ուզում վեր կենալ, հայհոյում էր նրանց, վերջապես վեր կացան․ նախ մեկը, հետո երկուսը, երեքը և սկսեցին վազելով գալ դեպի մեզ, դեպի գնացքը։ Հետո նորից պառկեցին ու կրակեցին։ Մենք նահանջեցինք, իսկ maquina֊ն կրակում էր մեր գլուխների վերևով։ Այդ ժամանակ էր, որ ես ժայռերի մեջ գտա աղջկան, գնացքից էր փախել, նրան էլ մեզ հետ տարանք։ Այդ զինվորները մինչև ուշ գիշեր հետապնդեցին մեզ։

― Երևում է շատ ծանր է եղել, ― ասաց Անսելմոն։ ― Ինչպիսի՜ ապրումներ եք ունեցել։

― Դա է եղել մեր միակ լավ գործը, ― լսվեց մեկի ցածր ձայնը։ ― Հիմա ի՞նչ ես անում․ դո՛ւ, ծույլ ու կեղտոտ հարբեցող, անմարդ ու անամոթ գնչուհու կեղտոտ վիժվածք։ Ի՞նչ ես անում։

― Ռոբերտ Ջորդանը տեսավ հիսունի մոտ մի կնոջ․ համարյա Պաբլոյի խոշորության, լայնքն ու երկայնքը գրեթե հավասար, հագին գեղջկական սև փեշ ու բաճկոնակ, հաստ ոտներին հաստ գուլպաներ և պարանե ներբանով կոշիկներ։ Թուխ դեմքը գրանիտյա քանդակի բնօրինակի էր նման։ Ձեռքերը մեծ էին, բայց վայելչատես, թավ, գանգուր սև մազերը հյուսված ու հավաքված էին ծոծրակի վրա։

― Պատասխանի՛ր, ― ասաց գնչուին՝ անտես անելով մյուս նստածներին։

― Խոսում էի ընկերների հետ։ Այս մեկը եկել է որպես դինամիտավոր։

― Ես դա գիտեմ, ― ասաց Պաբլոյի mujer֊ը։ ― Իսկ հիմա վեր կաց ու գնա փոխարինելու բարձրունքում պահնորդության կանգնած Անդրեսին։

― Me voy, գնում եմ, ― ասաց գնչուն և դարձավ Ռոբերտ Ջորդանին։ ― Ճաշին կհանդիպենք։

― Կատակներիդ վերջ տուր, ― ասաց կինը։ ― Իմ հաշվումներով դու այսօր արդեն երեք անգամ կերել ես։ Հիմա գնա ու Անդրեսին ուղարկիր։

― Hola, ― ասաց կինը և ժպտալով ձեռքը մեկնեց Ռոբերտ Ջորդանին։ ― Ինչպե՞ս ես, ինչպե՞ս են Հանրապետության գործերը։

― Լավ են, ― ասաց նա և փոխադարձեց նրա ջերմ գուրգուրանքը, ― և՛ իմ, և՛ Հանրապետության գործերը։

― Ուրախ եմ, ― ասաց կինը, որ նայում էր իր դեմքին և ժպտում։ Ռաբերտ Ջորդանը նկատեց, որ նա մոխրագույն գեղեցիկ աչքեր ունի։ ― Եկել ես մի նոր գնա՞ցք էլ պայթեցնելու։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և միանգամից վստահելով այդ կնոջը՝ շարունակեց․ ― կամուրջ։

― No es nada, ― ասաց կինը, ― կամուրջը մի բան չէ։ Դու այն ասա, հիմա որ ձիեր ունենք, ե՞րբ ենք մի նոր գնացք պայթեցնելու։

― Ավելի ուշ։ Այս կամուրջը շատ կարևոր է։

― Աղջիկն ինձ ասաց, որ քո ընկերը, նա, որ մեզ հետ էր գնացքի ժամանակ, մահացել է։

― Այո։

― Ափսոս։ Ես երբեք այդպիսի պայթեցում չէի տեսել։ Ընկերդ տաղանդավոր մարդ էր։ Ինձ շատ դուր եկավ։ Հնարավոր չէ՞ մի գնացք էլ պայթեցնել։ Այս սարերում հիմա շատ մարդիկ կան։ Շատ։ Սննդի գործը դժվարացել է։ Լավ կլիներ այստեղից գնայինք։ Ձիեր էլ ունենք։

― Պետք է այս կամուրջը պայթեցնենք։

― Որտե՞ղ է դա։

― Շատ մոտիկ։

― Ավելի լավ, ― ասաց Պաբլոյի mujer֊ը։ ― Պայթեցնենք ինչքան կամուրջ կա և հեռանանք այստեղից։ Ձանձրացել եմ այս վայրից։ Շատ մարդ է կուտակվել։ Սրա վերջը վատ կլինի։ Ճահիճ է դարձել։

Ծառերի արանքից տեսավ Պաբլոյին։

― Borracho, ― կանչեց կինը։ ― Հարբեցո՛ղ։ Փտած հարբեցող։ ― Ուրախ շուռ եկավ դեպի Ռոբերտ Ջորդանը։ ― Կաշվե ամանի մեջ գինի է թաքցրել անտառում և մեն֊մենակ խմում է, ― ասաց։ ― Մի գլուխ խմում է։ Դա կյանք չի, կործանվելու է։ Ես շատ գոհ եմ, որ եկել ես, երիտասարդ։ ― Ձեռքով խփեց Ռոբերտ Ջորդանի թիկունքին։ ― Օ՜հ, ― ասաց, ― ավելի լիքն ես, քան թվում է, ― և ձեռքը տարավ նրա ուսով՝ շապիկի վրայից շոշափելով մկանները։ ― Դե լավ։ Ես գոհ եմ, որ եկել ես։

― Ես նույնպես։

― Մենք իրար կհասկանանք, ― ասաց կինը։ ― Մի բաժակ գինի խմիր։

― Մենք հենց նոր խմեցինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց գուցե դո՞ւ կկամենայիր։

― Չէ, մինչև ճաշը չեմ խմում, ― ասաց կինը, ― այրոց եմ ունենում։ ― Հետո նորից նկատեց Պաբլոյին։ ― Borracho: Հարբեցո՛ղ, ― գոռաց կինը և դարձավ Ռոբերտ Ջորդանին ու թափահարեց գլուխը։ ― Շատ լավ մարդ էր, ― ասաց։ Բայց հիմա արդեն վերջացած մարդ է։ Հիմա ուրիշ բան եմ ասելու, լսի՛ր։ Աղջկա հետ բարի եղիր, հոգատար։ Մարիայի։ Նա ծանր օրեր է ապրել։ Հասկանո՞ւմ ես։

― Այո։ Բայց ինչո՞ւ ես ասում։

― Ես տեսա, թե նա ինչպես քարայր վերադարձավ քեզ հանդիպելուց հետո։ Ես տեսա, թե ինչպես էր նայում քեզ մինչև քարայրից դուրս գալը։

― Մի քիչ կատակեցի հետը։

― Նա շատ վատ վիճակում էր, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Հիմա համեմատաբար լավ է, նա այստեղից պետք է հեռանա։

― Անկասկած, նրան կարելի է Անսելմոյի հետ ռազմաճակատից այն կողմ ուղարկել։

― Դու և Անսելմոն կտանեք նրան, երբ այս ամենը ավարտվի։

Ռոբերտ Ջորդանը կոկորդում ցավ զգաց, զգաց նաև, որ ձայնը խռպոտվում է։

― Կարելի է, ― ասաց նա։

Պաբլոյի mujer֊ը նայեց նրան և տարուբերեց գլուխը։

― Ա՜խ, ա՜խ, ― ասաց նա, ― բոլո՞ր տղամարդիկ այդպես են։

― Ես ոչ մի բան չեմ ասել։ Նա գեղեցիկ է։ Ինքդ էլ գիտես։

― Ոչ, նա գեղեցիկ չէ։ Բայց սկսել է գեղեցկանալ։ Երևի ա՞յդ ես ուզում ասել, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Տղամարդի՞կ։ Ամո՛թ մեզ, կանանց, որ ձեզ աշխարհ ենք բերում։ Սակայն արի լուրջ խոսենք։ Հանրապետությունը այս աղջկա նմանների համար ապաստարաններ չունի՞։

― Ունի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Լավ ապաստարաններ ունի։ Ծովափին, Վալենսիայի մոտ։ Ուրիշ տեղերում էլ։ Այնտեղ նրան հոգ կտանեն ինչպես հարկն է, իսկ ինքը երեխաներին կխնամի, էվակուացված գյուղերից բերված երեխաներին։ Այնպես կանեն, որ աղջիկը գործը սովորի։

― Ես հենց դա եմ ուզում, ― ասաց Պաբլոյի mujer֊ը։ ― Պաբլոն արդեն սկսել է գլուխը կորցնել աղջկա պատճառով։ Նրան խորտակող մյուս պատճառն էլ դա է։ Հենց որ տեսնում է աղջկան, կարծես հիվանդ լինի։ Լավագույն ելքն այն կլինի, որ աղջիկը հեռանա այստեղից։

― Կարող ենք տանել, երբ սա ավարտվի։

― Հիմա ի՞նչ ես ասում, վստահե՞մ քեզ, դու նրա նկատմամբ հոգատար կլինե՞ս։ Այնպես եմ խոսում հետդ, կարծես հին ծանոթներ լինենք։

― Այդպես է, երբ մարդիկ հասկանում են իրար, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Նստի՛ր, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Ես քեզանից ոչ մի խոստում չեմ վերցնելու, որովհետև ինչ լինելու է, կլինի։ Բայց եթե նրան այստեղից չես տանելու, ապա խոստացիր։

― Այսինքն ինչո՞ւ, ի՞նչ կլինի, եթե չտանեմ այստեղից։

― Լսիր, ես չեմ ուզում տեսնել, թե նա ոնց է խելագարվում քո մեկնելուց հետո։ Ես արդեն տեսել եմ նրա խելագարությունը և կուշտ֊կուշտ եմ։

― Կամրջից հետո կտանենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Եթե կամրջից հետո կենդանի մնացինք, կտանենք։

― Այդ ձևի խոսակցությունն ինձ դուր չի գալիս։ Խոսելու նման ձևը երբեք բախտավոր վախճանի չի հասցնում։

― Այդ ձևով եմ խոսում, որովհետև խոստում եմ տալիս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես քո ասած ժանգերը կախողներից չեմ։

― Տո՛ւր տեսնեմ ափդ, ― ասաց կինը։ Ռոբերտ Ջորդանը մեկնեց ձեռքը, կինը բաց արեց ափը, առավ իր խոշոր ձեռքի մեջ, բթամատով շփեց և նայեց, նայեց ուշադիր, հետո բաց թողեց ու կանգնեց։ Նա էլ կանգնեց, և կինը նայեց նրան առանց ժպիտի։

― Ի՞նչ տեսար ափիս մեջ, ― հարցրեց նրան Ռոբերտ Ջորդանը։ ― Ես դրան չեմ հավատում։ Ասա՛, ահուդողի մեջ չեմ ընկնի։

― Ոչինչ, ― ասաց նրան կինը։ ― Ոչ մի բան չտեսա։

― Տեսար։ Ինձ համար պարզապես հետաքրքրական է։ Ես այդպիսի բաների չեմ հավատում։

― Իսկ ի՞նչ բանի ես հավատում։

― Շատ բաների, բայց ոչ դրան։

― Ինչի՞ն։

― Իմ գործին։

― Այո, ես դա տեսա։

― Ասա՛, ուրիշ ի՞նչ տեսար։

― Ուրիշ ոչ մի բան, ― ասաց կինը կտրուկ։ ― Ասացիր կամրջի գործը շա՞տ դժվար է։

― Ոչ։ Ասացի շատ կարևոր է։

― Բայց կարո՞ղ է դժվար լինել։

― Այո։ Հիմա պետք է գնամ հետախուզելու։ Քանի՞ հոգի ունեք այստեղ։

― Պիտանի՝ հինգ։ Գնչուն բանի պետք չէ, թեև վատ մարդ չէ։ Բարի սիրտ ունի։ Պաբլոյին հիմա արդեն չեմ վստահում։

― Քանի՞ վստահելի մարդ ունի Էլ Սորդոն։

― Երևի ութ։ Այս գիշեր կիմանանք։ Նա միշտ գալիս է մեզ մոտ։ Շատ գործնական մարդ է։ Նա էլ պայթուցիկ ունի։ Իհարկե, ոչ շատ։ Կխոսես հետը։

― Մա՞րդ ես ուղարկել մոտը։

― Նա ամեն գիշեր գալիս է։ Մեր հարևանն է։ Ոչ միայն ընկեր է, այլև բարեկամ։

― Ի՞նչ կարծիք ունես նրա մասին։

― Շատ լավ մարդ է։ Շատ էլ գործնական։ Գնացքի ժամանակ ահռելի էր։

― Իսկ մյուս խմբերո՞ւմ։

― Եթե ժամանակին հայտնենք, կարող ենք հավաքել մի հիսուն հրացանավոր, որոնց կարելի լինի ինչ֊որ չափով վստահել։

― Ինչպե՞ս թե ինչ֊որ չափով վստահել։

― Վստահելիությունը կախված է իրադրության ծանրությունից։

― Իսկ յուրաքանչյուր հրացանավոր քանի՞ փամփուշտ կունենա։

― Երևի քսան։ Նայած թե ինչպես կմոտենան այս գործին։ Կարող են և չմասնակցել։ Նկատի ունեցիր, որ այս կամրջի գործում ոչ փող կա, ոչ ավար, իսկ վտանգը մեծ է, դա կարելի է կռահել քո լռությունից։ Եվ վերջապես, այս բոլորից հետո, մարդիկ ստիպված են լինելու հեռանալու այս լեռներից։ Կամրջի պայթեցմանը շատերն են ընդդիմանալու։

― Պարզ է։

― Ուրեմն այսպես, ավելի լավ է դրա մասին լռես, եթե խոսելն անհրաժեշտ չլինի։

― Համաձայն եմ։

― Դե վեր կաց, գնա հետախուզիր կամուրջդ և հենց այս գիշեր էլ կզրուցենք Սորդոյի հետ։

― Հիմա, Անսելմոյի հետ կգնամ։

― Ուրեմն զարթեցրո՛ւ նրան, ― ասաց կինը։ ― Իսկ հրացան ոզո՞ւմ ես։

― Շնորհակալ եմ։ Ունենալը լավ է, բայց չեմ օգտագործելու։ Գնում եմ հետախուզելու և ոչ թե տագնապ ազդանշելու։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ ասացիր։ Խոսելու քո այդ եղանակը ինձ շատ է դուր գալիս։

― Ջանում եմ խոսել անկեղծորեն։

― Դե ուրեմն ասա, թե ինչ տեսար ափիս մեջ։

― Ոչ, ― ասաց կինը և թափ տվեց գլուխը։ ― Ոչ մի բան չտեսա։ Գնա հետախուզիր քո կամուրջը։ Ես կհսկեմ սարքերդ։

― Ծածկի՛ր և մի՛ թող, որ որևէ մեկը ձեռք տա։ Ավելի լավ է այդտեղ մնան, քան քարայրում։

― Կծածկեմ, և ոչ ոք էլ ձեռք չի տա, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Իսկ հիմա գնա քո կամուրջը։

― Անսլեմո՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ձեռքը դնելով ծերունու ուսին, որ պառկած քնել էր՝ գլուխը դրած արմունկին։

Ծերունին վերև նայեց․

― Այո, ― ասաց։ ― Այո, իհարկե։ Գնանք։

Գլուխ երրորդ

Վերջին երկու հարյուր յարդն իջան մեծագույն զգուշությամբ՝ զառիթափի վերջին սոճինեերի ստվերներով, թաքնվելով ծառերի ետևում։ Ընդամենը հիսուն յարդ էր իրենց բաժանում կամրջից։ Լեռների շագանակագույն ուսերի վրայով իրիկնադեմի արևի դեռևս ընկնող շողերի տակ երևում էր դատարկության դեմ֊հանդիման կանգնած պողպատյա սև, միաթռիչ կամուրջը, որի յուրաքանչյուր ծայրին մի պահակախցիկ էր զետեղված։ Երկու ավտոմեքենա կողք֊կողքի կարող էին անցնել վրայով։ Ամրակուռ մետաղը միացնում էր խորունկ անդունդի երկու եզրերը, իսկ ներքևում մի փոքրիկ առվակ, զարկվելով ժայռերին ու գլաքարերին, ցատկոտում էր ու սպիտակին տալով գնում միանում կիրճի միջով հոսող մայր գետակին։

Արևն ընկել էր Ռոբերտ Ջորդանի աչքերին, և նա միայն կամրջի ուրվագիծն էր կարողանում տեսնել։ Հետո արևն իջավ, մայր մտավ և երբ Ռոբերտ Ջորդանը նայեց վերև՝ շագանակագույն, կլորավուն բարձունքին, որի թիկունքն էր անցել կուրացող արևը, նկատեց, որ լեռնալանջը պատված է հաճելի դալար կանաչով, իսկ կատարի մոտ հին ձյան կղզյակներ են մնացել։

Այնուհետև, օգտվելով լույսի ընձեռած վերջին փոքր հնարավորությունից, սկսեց ուշադիր զննել կամրջի կառուցվածքը։ Կրծքագրպանից հանեց նոթատետրը և արագ մի քանի գծանկար արեց։ Գծանկարների վրա պայթուցիկները չպատկերեց։ Դա հետո կանի։ Առայժմ նշեց միայն կետերը, որտեղ տեղադրվելու են պայթուցիկները, արեց այն հաշվարկով, որ պայթեցումից հետո հենասյունը պոկվի և թռիչքի մի հատվածն ընկնի անդունդը։ Դա կարելի է անել առանց ավելորդ շտապողականության, անել վարպետորեն, առանց վարանելու, պետք է ընդամենը կես դյուժին պայթուցիկ տեղադրել և կցել իրար այնպես, որ պայթյունները տեղի ունենան միաժամանակ։ Կարելի է ավելի կոպիտ ձևով էր անել, երկու շատ մեծ պայթուցիկ տեղադրել կամրջի հակադիր կողմերում և պայթեցնել միևնույն պահին։ Գծանկարներն արեց արագ, հաճույքով։ Ուրախ էր, որ վերջապես պարզել էր խնդիրը։ Ուրախ էր, որ վերջապես անցել է խնդրի կատարմանը։ Նա փակեց նոթատետրը, մատիտն անցկացրեց տետրի կազմի կաշվե օղակի մեջ, նոթատետրը դրեց գրպանը և գրպանը կոճկեց։

Այն միջոցին, երբ նա գծանկարներ անելով էր զբաղված, Անսելմոն զննում էր ճանապարհը, կամուրջն ու պահակախցիկները։ Նրան թվում էր, որ չափից ավելի են մոտեցել կամրջին և մոռացել են զգուշությունը։ Անսելմոն թեթևություն զգաց, երբ տեսավ, որ գծանկարներն արված են։

Ռոբերտ Ջորդանը կոճկեց գրպանը, պառկեց սոճու բնի ետևում ու շարունակեց իր դիտումները։ Անսելմոն ձեռքը դրեց նրա արմունկին և մատով ցույց տվեց դիմացը։

Դիմացի պահակախցիկում նստած էր ժամապահը։ Նա սվինը հագցրել էր ու հրացանն առել ծնկների արանքը։ Սիգարետ էր ծխում, գլխին գործած գլխարկ էր, հագին՝ բրդյա ծածկոցի տիպի թիկնոց։ Հիսուն յարդ հեռավորությունից դեմքը պարզ չէր երևում։ Ռոբերտ Ջորդանը հանեց հեռադիտակը, ձեռքով զգուշությամբ ծածկեց դիտապակիները, որպեսզի չփայլեն, թեև դա ավելորդ էր, քանի որ արևը մայր էր մտել։ Հեռադիտակի միջից կամուրջն այնքան մոտիկ երևաց, որ թվում էր, թե կարող է ձեռքով դիպչել բազիրքին, նա տեսնում էր ժամապահի նույնիսկ փոս ընկած այտերը, սիգարետի մոխիրը, սվինի յուղափայլը։ Իր դիմաց ցցուն այտոսկրերով ու փոս ընկած թշերով, մազակալած երեսով ու թավ հոնքերի տակ թաքնված աչքերով մի գեղջուկ էր՝ հրացանը խոշոր ձեռքերի մեջ պահած, հագին ծանր կոշիկներ, որ երևում էին թիկնոցի ծալերի տակից։ Պահակախցիկում մաշված ու սևացած կաշվով պատված գինու մի տափաշիշ էր պատից կախված և մի քանի լրագիր կար։ Հեռախոս չկար։ Կարող էր, անշուշտ, լինել այն մասում, որն իրեն չէր երևում։ Համենայն դեպս պահակախցիկից դուրս եկող լարեր չէին երևում, թեև ճանապարհի երկայնքին էլ հեռխոսագիծ կար, կամրջի վրայով էլ լարեր էին անցնում։ Պահակախցիկի կողքին երկու քարի վրա հանգչում էր փայտածխի մի կրակարան՝ սարքված նավթի թիթեղյա անոթից, որի վերևի մասը կտրել էին, իսկ կողերին ծակեր բացել։ Մեջը կրակ չկար, միայն մոխիր էր ու մի քանի սևացած թիթեղյա տուփեր։

Ռոբերտ Ջորդանը հեռադիտակը մեկնեց իր կողքին պառկած Անսելմոյին։ Ծերունին քմծիծաղեց և գլուխը բացասաբար շարժեց՝ մատով տկտկացնելով քունքին, հենց աչքի կողքը։

― Ya lo veo, տեսնում եմ, ― ասաց իսպանացին, առանց շրթունքները շարժելու, և այնպիսի մի ձևով, որ շշուկից ավելի ցածր հնչեց։ Նա նայեց ժամապահին, և, երբ Ռոբերտ Ջորդանը ժպտում էր իրեն, մի մատն ուղղեց դեպի կամուրջը, իսկ մյուսը տարավ կոկորդին և գիծ քաշեց։ Ռոբերտ Ջորդանը գլխով արեց, բայց այլևս չժպտաց։

Կամրջի հեռադիր ծայրի պահակախցիկը դիմային կողմով ուղղված էր դեպի ճանապարհը, և նրանք չէին կարող տեսնել ներսի մասը։ Ասֆալտապատ, լայն ու բարեկարգ ճանապարհը կամրջի հեռադիր ծայրում թեքվում էր դեպի ձախ ու հետո կորագծով թաքնվում էր հայացքից։ Հին ճանապարհը լայնացրել էին՝ տաշելով ապառաժյա ամրակուռ քարափը։ Կիրճի և կամրջի ձախ կամ արևմտյան կողմում մեծ, տաշած քարաբեկորներ էին շարել ճանապարհի եզրին։ Այդտեղ՝ անդունդի խորքում, կամրջի տակով անցնող առվակը խառնվում էր կիրճով հոսող գետակին։

― Իսկ մյուս պահակակետը որտե՞ղ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ոլորանից հինգ հարյուր մետր ներքև։ Ճանապարհաշինության վարպետի հյուղակում, քարափի տակ։

― Այնտեղ քանի՞ հոգի են, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

Նա նորից էր հեռադիտակով նայում ժամապահին, որը պահակախցիկի փայտյա պատի վրա հանգցրել էր սիգարետը, թուղթը պատռել և ծխախոտի մնացուկը դատարկում էր գրպանից հանած կաշվե քիսիկի մեջ։ Ժամապահը վեր կացավ, հրացանը հենեց պատին, ձգվեց, հետո նորից վերցրեց հրացանը, առավ ուսին և դուրս եկավ։ Անսելմոն կպավ գետնին, Ռոբերտ Ջորդանը հեռադիտակը սահեցրեց վերնաշապիկի գրպանը և գլուխը թաքցրեց սոճու բնի ետևը։

― Այնտեղ յոթը հոգի են, մեկ էլ կապրալը, ― ասաց Անսելմոն՝ հպվելով Ռոբերտ Ջորդանի ականջին։ ― Գնչուից իմացա։

― Թող ժամապահը հեռանա, գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չափից շատ ենք մոտեցել։

― Ինչ որ պետք էր տեսա՞ր։

― Այո։ Ինչ պետք էր տեսա։

Մայրամուտից հետո, երբ արևի վերջին ճառագայթներն էլ անհետացան լեռների թիկունքում, միանգամից ցրտեց ու սկսեց արագ մթնել։

― Քեզ ի՞նչ է թվում, ո՞նց է, ― ցածրաձայն ասաց Անսելմոն, երբ ակնդետ հետևում էին կամրջի երկայնքով դեպի մյուս պահակախցիկը շարժվող թիկնոց հագած անբարետես մարմնով ժամապահին, որի սվինը փայլփլում էր աղջամուղջի վերջին շողերի տակ։

― Շատ լավ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ, շատ լավ է։

― Ուրախ եմ, ― ասաց Անսելմոն։ ― Գնա՞նք։ Հիմա արդեն չի նկատի մեզ։

Ժամապահը կանգնած էր կամրջի հեռադիր ծայրին՝ թիկունքն արած նրանց։ Անդունդից լսվում էր գլաքարերին զարկվող առվակի ջրերի աղմուկը։ Հետո մի ուրիշ աղմուկ լսվեց, հետզհետե ուժեղացող մի թնդյուն, և նրանք տեսան, որ ժամապահը նայում է վերև, նրա գործված գլխարկը սահել էր ետ։ Իրենք նույնպես վերև նայեցին։ Իրիկնային երկնքով անհավատալի արագությամբ, միալար թնդյունով ու անկյուն կազմած թռչում էին միշարժիչանի երեք ինքնաթիռ, որ արծաթին էին տալիս բարձրում՝ արևի տակավին հածող ճառագայթների տակ, և թվում էր, թե շատ փոքր են։

― Մերո՞նք են, ― հարցրեց Անսելմոն։

― Կարծես թե, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, թեև նա գիտեր, որ այդպիսի բարձրության վրա երբեք էլ հաստատ չես կարող ասել, թե ումն են։ Կարող են ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի իրիկնային պարեկներ լինել։ Բայց մարդկանց միշտ էլ պետք է ասել, որ մերն են, եթե կործանիչներ են երևացել, դա նրանց վստահություն է ներշնչում, լավ են զգում։ Այլ բան է, երբ ռմբակոծիչներ են։

Հավանաբար Անսելմոն նույնպես լավ էր զգում։

― Մերոնք են, ― ասաց նա։ ― Moscas[8] են։ Ծանոթ եմ դրանց։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինձ էլ է թվում, որ Moscas են։

Ռոբերտ Ջորդանը կարող էր հեռադիտակը վերցնել և տեղնուտեղը որոշել, թե ինչ ինքնաթիռներ են, բայց գերադասեց չանել այդ բանը։ Իր համար ոչ մի նշանակություն չուներ, թե այս գիշերով թռչող ինքնաթիռները ումը կլինեն, բայց եթե ծերուկին հաճելի է, որ մերը լինեն, ինչո՞ւ նրանից խլի այդ բավականությունը։ Հիմա, երբ ինքնաթիռներն հեռանում էին Սեգովիայի ուղղությամբ, նա նկատեց, որ դրանք նման չեն ցածրադիր թևերի վրա կարմիր տարբերանշաններ ունեցող և «Բոինգ֊23»֊ին նմանվող ռուսական կանաչագույն ինքնաթիռներին, որոնց իսպանացիները Moscas անունով էին կնքել։ Գույները տարբերել հնարավոր չէր, բայց ուրվագծերն ուրիշ էին։ Ո՛չ։ Ֆաշիստական ինքնաթիռներ էին, որ պարեկությունից տուն էին դառնում։

Ժամապահը դեռ կանգնել էր կամրջի հեռադիր ծայրի պահակախցիկի մոտ՝ թիկունքն արած իրենց։

― Գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա զգուշությամբ, ջանալով որ չնկատվի, սկսեց բարձրանալ զառիթափով, մինչև որ ժամապահի տեսադաշտից դուրս եկավ։ Անսելմոն հարյուր յարդ հեռավորության վրա հետևում էր նրան։ Ռոբերտ Ջորդանը կանգ առավ, ծերունին մոտեցավ, առաջ անցավ և մթության մեջ հաստատ քայլերով սկսեց բարձրանալ կիրճի զառիթափ լանջով։

― Ահռելի ավիացիա ունենք, ― երջանիկ ասաց ծերունին։

― Այո։

― Եվ կհաղթենք։

― Պետք է հաղթենք։

― Այո՛։ Եվ այն ժամանակ, հաղթանակից հետո, արի մեզ մոտ որսի։

― Ի՞նչ որսալու։

― Վարազ, արջ, գայլ, քարայծ։

― Որսորդություն սիրո՞ւմ ես։

― Այո՛, բարեկամս։ Ամեն ինչից ավելի։ Մեր գյուղում բոլորս էլ որսորդ ենք։ Դու չե՞ս սիրում։

― Ո՛չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չեմ սիրում կենդանիներին սպանել։

― Իսկ ես ընհակառակը, ― ասաց ծերունին։ ― Չեմ սիրում մարդկանց սպանել։

― Ոչ ոք չի սիրում, բացի նրանցից, ում ուղեղը պղտորված է։ ― Բայց չեմ խորշում, եթե դա անհրաժեշտ է։ Եթե դա հանուն արդար դատի է։

― Դե դա ուրիշ բան է, ― ասաց Անսլեմոն։ ― Իմ տանը, երբ ես տուն ունեի, հիմա ես տուն չունեմ, վարազների ժանիքներ կային, ես նրանց որսացել էի լեռան ստորոտի անտառներում։ Գայլի մորթիներ կային։ Այդ գայլերին ես որսացել էի ձմեռը, ձյան մեջ։ Մեկը շատ մեծ էր, դրան սպանեցի մթնշաղին, գյուղի մոտակայքում, նոյեմբերին, երեկոյան տունդարձի ճանապարհին։ Իմ տան հատակին գայլի չորս մորթի էր փռված։ Դրանք մաշվել էին ոտների տակ, բայց դրանք գայլի մորթիներ էին։ Իմ տանը քարայծի եղջյուրներ կային, ես այդ քարայծին սպանել էի Սիեռայի բարձունքներում, արծվի մի խրտվիլակ կար, թևերը բացած, աչքերն այնպես դեղին էին, այնպես իրական, կարծես կենդանի արծիվ լիներ։ Ավիլացի մի վարպետ էր սարքել։ Շատ գեղեցիկ էր։ Ես նայում էի այդ բոլորին և մեծ հաճույք էի զգում։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Իմ գյուղի եկեղեցու դռանը արջի թաթ էր մեխված։ Ես էի այդ արջին խփել, գարնանը, բլրի լանջին, ձյան մեջ, նա այդ թաթով մի գերան էր շուռումուռ տալիս։

― Ե՞րբ ես խփել։

― Վեց տարի առաջ։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում էի եկեղեցու դռանը մեխված այդ չորացած թաթը, որ նման էր մարդու ձեռքին, բայց երկար ճիրաններ ուներ, հաճույք էի զգում։

― Հպարտանո՞ւմ էիր։

― Հպարտանում էլ էի, հիշում էլ, թե ոնց բլրի լանջին, վաղ գարնանը արջի հետ մենամարտի բռնվեցի։ Երբ մարդ ես սպանում, մեզ նման մարդ, ի՞նչ ես հիշելու, ոչ մի բան չի մնա հիշողությանդ մեջ։

― Թաթը եկեղեցու դռանը չես մեխի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Չէ՛։ Դա խելքից դուրս վայրենություն է։ Չնայած որ մարդու ձեռքը նման է արջի թաթին։

― Մարդու իրանն էլ նման է արջի իրանին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Արջի մորթին որ հանես, կտեսնես, թե ինչքան նման են մարդու և արջի մկանները։

― Ճիշտ է, ― ասաց Անսելմոն։ ― Գնչուներն ասում են, որ արջն ու մարդը եղբայրներ են։ Նրանք հավատում են դրան։

― Նույնն էլ Ամերիկայի հնդկացիները, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դրա համար էլ, երբ արջ են սպանում, սկսում են արդարանալ նրա առաջ, աղաչում են, որ ների իրենց։ Գանգը դնում են մի ծառի վրա և հեռանալուց առաջ խնդրում են, որ ների։

― Ինչո՞ւ են, գիտե՞ք, գնչուներն հավատում, որ արջն ու մարդը եղբայրներ են, որովհետև, ասում են նրանք, եթե արջի մորթին, հանես, մարմինները նույնն են, որովհետև արջն էլ է գարեջուր խմում, արջին էլ է երաժշտությունը դուր գալիս, արջն էլ է սիրում պարել։

― Նույնն էլ հնդկացիները։

― Ուրեմն հնդկացինե՞րն էլ գնչու են։

― Ոչ։ Բայց արջի մասին նրանց պատկերացումը նույնն է։

― Պարզ է։ Մեկ էլ՝ ահա ինչու են գնչուներն հավատում, որ արջն ու մարդը եղբայրներ են, որովհետև նա էլ է սիրում գողությունը։

― Քո երակներում գնչուի արյուն կա՞։

― Ոչ։ Բայց շատ ծանոթներ եմ ունեցել, մանավանդ այս պատերազմի ընթացքում։ Սարերում շատ գնչուներ կան։ Ուրիշ ցեղախմբերի անդամներին սպանելը նրանց մոտ մեղք չի համարվում։ Թեև նրանք այդ բանը ժխտում են, բայց այդպես է։

― Ոնց որ մարոկցիները։

― Այո։ Բայց գնչուները շատ օրենքներ ունեն, որ վիզ չեն առնում։ Այս պատերազմի ընթացքում գնչուներից շատերը նորից սկսեցին ստորություններ անել, ոնց որ հին օրերին։

― Նրանք չեն հասկանում, թե ինչու է այս պատերազմը մղվում։ Նրանք չգիտեն, թե ինչի համար ենք մենք կռվում։

― Չգիտեն, ― ասաց Անսելմոն։ ― Նրանք գիտեն միայն, որ պատերազմ է և մարդիկ կարող են անպատիժ իրար սպանել, ոնց որ հին օրերին։

― Դու մարդ սպանե՞լ ես, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ քաջալերված մթությունից ու իրար հետ անցկացրած մի օրվա ընթացքում առաջացած մտերմությունից։

― Այո։ Մի քանի անգամ։ Բայց տհաճությամբ։ Մարդ սպանելը ես մեղք եմ համարում։ Նույնիսկ ֆաշիստներին, որոնց մենք պարտավոր ենք սպանել։ Արջի և մարդու մեջ մեծ տարբերություն կա, ես այդ գնչուական զրույցներին չեմ հավատում, մարդու և կենդանու եղբայրությունս ո՞րն է։ Ո՛չ։ Ես դեմ եմ մարդու սպանության, ինչ մարդ էլ լինի։

― Չնայած դրան սպանել ես։

― Այո։ Եվ էլի եմ սպանելու։ Բայց եթե ողջ մնամ, այնպես կապրեմ, որ ոչ մեկին չվնասեմ, այն ժամանակ ևս թողություն կստանամ։

― Ումի՞ց կստանաս։

― Ի՞նչ իմանամ։ Հիմա ոչ աստված կա, ոչ որդի, ոչ էլ սուրբ հոգի, ո՞վ է թողություն շնորհելու։ Չգիտեմ։

― Դո՞ւ էլ չես հավատում, որ աստված կա։

― Չեմ հավատում, բարեկամս։ Չկա։ Եթե աստված լիներ, մի՞թե թույլ կտար, որ այս ամենը կատարվեր։ Ինչե՜ր տեսա ես իմ այս աչքերով։ Թող նրանք հավատան աստծուն։

― Նրանք հավատում են։

― Ինձ համար, ինչ խոսք, ծանր է, որ հրաժարվել եմ նրանից, որովհետև ամբողջ կյանքս հավատացյալ եմ եղել։ Բայց հիմա ամեն մարդ պետք է միայն ինքն իր խղճի առաջ պատասխանատու լինի։

― Ուրեմն ինքդ ես քեզ թողություն շնորհելու սպանություններիդ համար։

― Կարծում եմ այո, ― ասաց Անսելմոն։ ― Եթե այդպես հասկացար, թող այդպես լինի։ Բայց մարդ սպանելը մեղք է, ուզում ես հավատա աստծուն, ուզում ես մի հավատա։ Ինձ համար շատ ծանր է ուրիշի կայնքը խլելը։ Կանեմ, եթե երբևէ անհրաժեշտ լինի, բայց ես Պաբլոյի ցեղից չեմ։

― Պատերազմում հաղթելու համար թշնամիներին պետք է սպանել։ Դա հին ճշմարտություն է։

― Անշուշտ։ Պատերազմ է, պետք է սպանենք։ Բայց ես տարօրինակ մտքեր ունեմ, ― ասաց Անսելմոն։ Հիմա մթության մեջ նրանք քայլում էին իրար հպված, և Անսելմոն բարձրանալիս գլուխը մերթ ընդ մերթ շրջում էր ու ցածրաձայն խոսում։

― Ես նույնիսկ եպիսկոպոսներին չէի սպանի։ Նույնիսկ կալվածատերերին։ Ես նրանց կաշխատեցնեի, ամեն օր, մինչև կյանքի վերջը, հանդերում, սարերում, անտառներում, ոնց որ մենք ենք աշխատել, որպեսզի նրանք հասկանան, թե մարդն ինչու է ծնվել։ Ես նրանց կստիպեի, որ քնեն որտեղ մենք ենք քնում, ուտեմ ինչ մենք ենք ուտում։ Բայց գլխավորը՝ կստիպեի, որ աշխատեն։ Այդ ձևով նրանք խելքի կգան։

― Եվ կփրկեն իրենց կյանքն ու քեզ նորից կստրկացնեն։

― Սպանելով ինչի՞ կհասնես, ի՞նչ կսովորեն, ― ասաց Անսելմոն։ ― Բոլորին չես կարող ոչնչացնել, նրանց սերունդներն ավելի մեծ ատելությամբ կլցվեն։ Բանտն էլ անօգուտ բան է։ Բանտը ավելի կուժեղացնի ատելությունը։ Միայն այդքան։ Ո՛չ, մենք պետք է մեր թշնամիներին սովորեցնենք, հասկացնենք։

― Բայց, այնուամենայնիվ, դու մարդ սպանել ես։

― Այո, ― ասաց Անսելմոն։ ― Շատ անգամ, և էլի եմ սպանելու։ Բայց տհաճությամբ, և սպանությունը մեղք եմ համարում։

― Իսկ ժամապահի՞ն։ Թե՞ կատակում էիր, երբ ասում էիր ժամապահին սպանելու մասին։

― Կատակում էի։ Բայց կսպանեի ժամապահին։ Այո՛։ Անպայման, և հանգիստ խղճով, քանի որ դա մեր գործի համար է։ Բայց տյաճությամբ։

― Դա կթողնենք նրանց, ում հաճելի է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ութ և հինգ։ Տասներեք հոգի, որոնց համար դա հաճելի է։

― Այդ բանն հաճույքով անողներ շատ կան, ― ասաց Անսելմոն մթության մեջ։ ― Մենք այդպիսի մարդիկ շատ ունենք։ Ավելի շատ, քան մարտի համար պիտանիները։

― Մասնակցե՞լ ես մարտերի։

― Ոչ, ― ասաց ծերունին։ ― Պատերազմի առաջին օրերին Սոգվիայում, երբ կռիվն սկսվեց, պարտվեցինք ու փախանք։ Ես էլ փախա բոլորի հետ։ Չէինք էլ հասկանում, թե ինչ պետք է անենք, ինչպես անենք։ Կոտորակի մի հրացան ունեի, խոշոր կոտորակի, իսկ guardia civil֊ը մազուզեր ուներ, ես նրան հարյուր յարդից չէի կարող խփել, նրանք մեզ երեք հարյուր յարդի վրա էին կրակում։ Ոչխարի հոտի նման գցել էին առաջները։ ― Լռեց։ Հետո հարցրեց․ ― Ի՞նչ ես կարծում, կամրջի համար մարտ կլինի՞։

― Կարող է։

― Ես դեռ կարգին մարտ չեմ տեսել, միայն փախել եմ, ― ասաց Անսելմոն։ ― Չգիտեմ, թե ինչպես կվարվեմ։ Ծեր մարդ եմ, շփոթված։

― Ես քո կողքին կլինեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դու շա՞տ ես մասնակցել մարտերի։

― Մի քանի անգամ։

― Իսկ այս կամրջի մասին ի՞նչ ես մտածում։

― Նախ և առաջ մտածում եմ, թե ինչպես պայթեցնեմ։ Դա է իմ գործը։ Կպայթեցնենք, դժվար չէ։ Հետո էլ մյուս հարցերը կկարգավորենք։ Կնախապատրաստվենք։ Ամեն ինչ գրած կլինի։

― Այստեղ շատ քչերը կարդալ գիտեն, ― ասաց Անսելմոն։

― Գրավոր կտամ, բացի այդ էլ կբացատրեմ, որպեսզի պարզ դառնա։

― Ինձ ինչ հանձնարարես, կանեմ, ― ասաց Անսելմոն։ ― Բայց որ հիշում եմ Սեգովայի կռիվը, ուզում եմ պարզ իմանալ, թե ես ինչ պիտի անեմ, երբ մարտն սկսվի կամ էլ ասենք կրակոցներ սկսեցինք փոխանակել։ Իմանամ ինչ պիտի անեմ, որպեսզի ինչ վիճակի մեջ էլ ընկնենք՝ չփախչեմ։ Թե չէ հիշում եմ՝ Սեգովիայում հա փախչել էի ուզում։

― Իրար հետ կլինենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես քեզ կասեմ, թե ինչ անես։

― Որ այդպես է, էլ հարց չունեմ, ― ասաց Անսելմոն։ ― Ինչ հրամայես, այն էլ կանեմ։

― Մեր գործը կամուրջն է, նաև մարտը, եթե տեղի ունենա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և զգաց, որ մթության մեջ իր խոսքը փոքր֊ինչ թատերական դդուրս եկավ, բայց իսպաներեն լավ հնչեց։

― Դա շատ հետաքրքիր գործ կլինի, ― ասաց Անսելմոն։

Լսելով, թե ինչքան պարզ, համեստ ու բնական ձևով հնչեցին այդ խոսքերը, որոնց մեջ ոչ անգլիացիների երևույթները թերագնահատող, ոչ էլ ռոմանական ժողովուրդների հոխորտացող խոսքի երանգը կար, Ռոբերտ Ջորդանը մտածեց, որ ինքը շատ բախտավոր է։ Բախտավոր է, քանի որ այս ծերունին է իր կողքին, քանի որ տեսել էր կամուրջը և պարզել էր, թե ինչպես կարելի է պայթեցնել, որ այս անգամ անհրաժեշտություն չկա սովորականի պես պահակակետերը ոչնչացնելու, ինչպես հրամայել էր անել Գոլցը։ Նա համաձայն չէր Գոլցի հրամանի հետ։ Համաձայն չէր, որովհետև հասկանում էր, թե դրա կատարումից հետո ինչ կպատահի իրեն, ինչ կպատահի ծերունուն։ Շատ վատ բաներ են սպասում նրանց, ովքեր կատարելու են այդ հրամանները։

Այդ ձևով մտածելը քեզ վայել չէ, ասաց ինքն իրեն, ոչ դու, ոչ էլ որևէ մեկը թող չմտածի, թե այդ բանն իրեն չպետք է պատահի։ Ի՞նչ ես դու, ի՞նչ է ծերունին։ Ոչինչ։ Դուք գործիք եք և պետք է ձեր պարտականությունը կատարեք։ Տրված է հրամանը, անհրաժեշտ է կատարել, դու կատարող ես, հրամայված է պայթեցնել կամուրջը, պայթեցրո՛ւ, դա կարող է շրջադարձային նշանակություն ունենալ մարդկային ցեղի ճակատագրի համար։ Ինչպես որ ամեն մի բան կարող է շրջադարձային լինել այս պատերազմում։ Քեզ միայն մի բան է հանձնարարված, և դու դա պետք է կատարես։ Միայն մի բան։ Չէ մի։ Եթե մի բան լիներ, շատ հեշտ էր։ Լավ։ Բավական է նվնվաս, շաղակրատ շնորդի, ասաց ինքն իրեն։ Ուրիշ բանի մասին մտածիր։

Եվ մտածեց Մարիայի մասին, մտաբերեց նրա մաշկը, մազերը, աչքերը, բոլորն էլ ոսկու նման շիկաշագանակագույն, ճիշտ է, մազերը մի քիչ ավելի մուգ են, բայց հետագայում կթվա, թե ավելի բաց գույնի են, երբ արևը կխփի և մաշկի ողորկ երեսը կդառնա թույլ ոսկեգույն ու մի մուգ երանգ խորքերից դեպի դուրս կթափանցի։ Երևի ամբողջ մարմնի մաշկը այդպես ողորկ է, իսկ շարժումները ձախավեր են, կարծես ինչ֊որ բանից շփոթված է, ինչ֊որ ներքին, իրեն միայն հայտնի բանից, նրան թվում է, թե դա բոլորը տեսնում են, այնինչ այդպիսի բան չկա, դա միայն նրա երևակայության մեջ է։ Հիշեց, թե ինչպես էր աղջիկը շիկնել, երբ ինքը նայել էր նրան, ինչպես էր նա նստել՝ ձեռները կանթած ծնկների վրա, օձիքը բաց, կրծքերը սեղմված վերնաշապիկի տակ։ Հիշեց և զգաց, որ կոկորդը սեղմվեց, քայլելը դժվարացավ։ Հիմա Անսելմոյի հետ կողք֊կողքի լուռ առաջ էին շարժվում։ Հետ ծերունին խոսեց․

― Այս ժայռերը կանցնենք ու դուրս կգանք ճամբար։

Ժայռերի վրայով անցնելիս մթության մեջ մեկը ձայն տվեց․

― Կանգնե՛ք։ Ո՞վ է։

Լսվեց հրացանի ետ քաշվոց փակաղակի շխկոցը, հետո կոթին խփվելու ձայնը։

― Ընկերներ ենք, ― ասաց Անսելմոն։

― Ի՞նչ ընկերներ։

― Պաբլոյի ընկերները, ― ասաց ծերունին։ ― Ի՞նչ է, չե՞ս ճանաչում մեզ։

― Ճանաչում եմ, բայց կա հրաման։ Նշանաբանն ասեք։

― Չգիտենք։ Մենք ներքևից ենք գալիս։

― Գիտեմ, ― ասաց մարդը խավարի մեջ։ ― Գալիս եք կամրջից։ Ամեն ինչ գիտեմ։ Բայց հրաման տվողը ես չեմ։ Դուք պետք է նշանաբանի երկրորդ կեսն ասեք։

― Իսկ առաջին կեսը ո՞րն է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Մոռացել եմ, ― մթության մեջ ասաց մարդն ու ծիծաղեց։ ― Լավ, ես քո ըսենցն ու ընենցը, գնա՛ ճամբար, գնա՛, քո էլ, քո պայթուցիկների էլ։

― Սա էլ քեզ պարտիզանական կարգապահություն, ― ասաց Անսելմոն։ ― Քաշի՛ր հրացանիդ շնիկը։

― Քաշված է, ― ասաց մարդը մթության մեջ։ ― Քաշել եմ բութովս ու ցուցամատով։

― Եթե մաուզերի հետ այդպես վարվես, կարող է կրակել, որովհետև փակաղակի վրա փոսորակ չունի։

― Սա հենց մաուզեր է որ կա, ― ասաց մարդը։ ― Բայց ես այնպիսի ուժեղ բութ ու ցուցամատ ունեմ, որ ասել չի լինի։ Միշտ էլ այդպես եմ ետ քաշել։

― Հրացանն ո՞ւր ես ուղղել, ― հարցրեց Անսելմոն մթության մեջ։

― Քո վրա, ― ասաց մարդը, ― հենց այն պահից, երբ փակաղակը ետ էի քաշում։ Ճամբար որ հասնես, կասես փոխարինող ուղարկեն, այնպես եմ սովածացել՝ ասելու չէ։ Ես դրա։ Նշանաբանն էլ եմ մոռացել։

― Անունդ ի՞նչ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ագուստին, ― ասաց տղամարդը։ ― Անունս Ագուստին է, և տաղտուկից մեռնում եմ այս կեղտոտ տեղում։

― Կհայտնենք պատգամդ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մտածեց․ տեսնես արդյոք aburmiento բառը, որ տաղտուկ է նշանակում իսպաներեն և որը բոլորովին էլ ռամկական բառ չէ, ուրիշ երկրներում էլ գործածո՞ւմ են գյուղացիները։ Այստեղ յուրաքանչյուր իսպանացու բերանում, ինչ դասակարգից էլ լինի, դա ամենասովորական բառերից է։

― Լսի՛ր, ― ասաց Ագուստինը և մոտեցավ ու ձեռքը դրեց Ռոբերտ Ջորդանի ուսին։ Հետո հրահանը խփեց կայծքարին, աբեթը վառեց, փչեց, որպեսզի բորբոքվի կրակը, մոտեցրեց երիտասարդի դեմքին։ ― Մյուսին նման ես, ― ասաց։ ― Բայց ինչ֊որ բանով տարբերվում ես։ Լսի՛ր, ― ասաց, իջեցրեց հրահանը և կանգնեց հրացանը ձեռքին։ ― Այն, որ կամրջի մասին ասում են, ճի՞շտ է։

― Ի՞նչ կամրջի։

― Այն կեղտոտ կամուրջը, որ պայթեցնելու ենք ու հետո էլ ռադ ենք լինելու այստեղից։

― Չգիտեմ։

― Դո՞ւ չգիտես, ― ասաց Ագուստինը։ ― Ա՛յ քեզ բան։ Հապա այդ պայթուցիկը ո՞ւմն է։

― Իմը։

― Եվ դու չգիտես, թե դա ինչի համար է։ Լսի՛ր, հեքիաթներ մի՛ պատմիր։

― Ես գիտեմ, թե ինչի համար է, դու էլ կիմանաս, երբ որ ժամանակը գա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ հիմա գնացինք ճամբար։

― Գնա, գիտե՞ս ուր, ― ասաց Ագուստինը։ ― Քո ըսենցն ու ընենցը։ Բայց սպասիր, քեզ մի բան ասեմ, պետք կգա։ Ուզո՞ւմ ես։

― Ուզում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― եթե ուշունց չէ, ― կրկնեց Ագուստինի գործածած ամենակեղտոտ հայհոյական խոսքերից մեկը։

Ագուստինը խոսում էր միայն հայհոյանքներով, նույն հայհոյանքը նա մեկ որպես ածական էր օգտագործում, մեկ որպես բայ, և դժվար էր հավատալ, թե նա առհասարակ կարող է մի նախադասություն ասել առանց հայհոյանքի։

Ագուստինը ծիծաղեց, երբ լսեց Ռոբերտ Ջորդանի հայհոյական խոսքը։

― Ես էլ այդպես եմ խոսում։ Գուցե տգեղ է։ Ի՞նչ իմանաս։ Ամեն մեկն իր ձևով է խոսում։ Լսի՛ր։ Ես այդ կամրջի դարդը չեմ։ Ոչ մի բանի էլ դարդը չեմ։ Ես տաղտուկից մեռնում եմ այս սարերում։ Թե պետք է գնանք այստեղից, գնանք։ Ի՞նչ ունեմ այստեղ։ Թողնենք֊հեռանանք։ Բայց քեզ մի բան եմ ուզում ասել։ Պայթուցիկդ լավ պահիր։

― Շնորհակալություն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Քեզանի՞ց։

― Ոչ, ― ասաց Ագուստինը։ ― Նրանցից, ովքեր ուշունցով չեն խոսում, ոնց որ ես։

― Այսինքն, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Իսպաներեն հասկանո՞ւմ ես, ― ասաց արդեն լրջացած Ագուստինը։ ― Լավ պահիր քո այդ ըսենց ու ընենց պայթուցիկը։

― Շնորհակալություն։

― Ինձ շնորհակալություն պետք չէ։ Պայթուցիկդ լավ պահիր։

― Բա՞ն է պատահել պայթուցիկին։

― Ոչ։ Եթե պատահած լիներ, այսքան երկար լեզու չէի ծեծի հետդ։

― Այնուամենայնիվ շնորհակալություն։ Դե մենք գնացինք ճամբար։

― Գնացե՛ք, ― ասաց Ագուստինը։ ― Չմոռանաք, թող մեկին ուղարկեն, ասեք նշանաբանն իմանա։

― Ճամբարում կհանդիպե՞նք քեզ հետ։

― Անպայման, բարեկամս։ Հենց քիչ հետո։

― Գնացինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին։

Նրանք քայլում էին մարգագետնի եզրով։ Շուրջ բոլորը գորշ մառախուղ էր։ Սոճու փշատերևով ծածկված անտառի չոր հատակից հետո այժմ ոտների տակ փափուկ ու շաղոտ խոտ էր և կոշիկների պարանե ներբաններից խոնավությունը ներս էր թափանցում։

Ծառերի արանքից մի լույս երևաց, Ռոբերտ Ջորդանը կռահեց, որ դա քարայրի մուտքն է։

― Շատ լավ մարդ է Ագուստինը, ― ասաց Անսելմոն։ ― Ճիշտ է, ուշունց շատ է տալիս և միշտ էլ կատակում է, բայց կարգին մարդ է։

― Լա՞ց ես ճանաչում։

― Այո։ Վաղուց։ Լրիվ վստահում եմ նրան։

― Իսկ այն ասա՞ծը։

― Ճիշտ է, բարեկամս։ Պաբլոյից հետո պետք է զգուշանալ, դե դու էլ տեսար։

― Իսկ ի՞նչ պետք է անենք։

― Միշտ մեկն ու մեկը պիտի պահակ կանգնի։

― Ո՞վ։

― Դու։ Ես։ Կինը և Ագուստինը։ Քանի որ նա վտանգ է զգում։

― Մինչև մեր այստեղ գալը դու գիտեի՞ր, որ վիճակն այսքան վատ է։

― Ոչ, ― ասաց Անսելմոն։ ― Նոր է այսպես դարձել։ Բայց միևնույն է, պիտի այստեղ գայինք։ Այս տեղերի տերն ու տիրակալն էլ Պաբլոն ու Էլ Սորդոն են։ Ուզենք֊չուզենք իրենց պիտի դիմենք, քանի որ մենակ չենք կարող այս գործը գլուխ բերել։

― Իսկ Էլ Սորդո՞ն։

― Լավն է, ― ասաց Անսելմոն։ ― Ինչքան որ մյուսը վատն է, այնքան էլ սա լավն է։

― Դու հիմա համոզվա՞ծ ես, որ նա բոլորովին անպետք է։

― Կեսօրից հետո անընդհատ այդ մասին եմ մտածել, քիչ առաջ էլ նորից լսեցիք։ Կարծում եմ, որ այո, իսկապես անպետք է։

― Ի՞նչ ես կարծում, ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ասենք, թե ուրիշ կամուրջ ենք պայթեցնելու և գնանք ուրիշներից օգնություն խնդրենք։

― Չի լինի։ Այստեղ դու ոչ մի բան չես կարող անել, որ նա չիմանա։ Մնում է, որ զգուշությամբ գործենք։

Գլուխ չորրորդ

Մոտեցան քարայրի մուտքին, որի առաջ կախված ծածկոցի կողքից լույսի շող էր երևում։ Ուսապարկերը ծառի բնի մոտ էին և ծածկված էին բրեզենտով։ Ռոբերտ Ջորդանը չոքեց, ձեռքը մտցրեց խոնավացած կոպիտ բրեզենտի տակ, ուսապարկի արտաքին գրպանից կաշեպատ մի տափաշիշ հանեց և սահեցրեց շալվարի գրպանը։ Հետո օղակների մեջ անցկացված սողնակները քաշեց, ուսապարկերի կապերը քանդեց, ձեռքը տարավ ու սկսեց շոշափելով ստուգել միջի իրերը։ Ուսապարկերից մեկի խորքում, տոպրակների մեջ, քառակողիկներ էին դրված, վրան՝ ծալված ննջապարկը։ Այս ուսապարկի կողպեքի սողնակը նա նորից անցկացրեց օղակի մեջ և ձեռքերը մտցրեց ու սկսեց ստուգել մյուս ուսապարկը։ Ձեռքերը կպան պայթուցիչի հնացած, փայտյա արկղի սուր կողերին, հետո սիգարի տուփին, որի մեջ զույգ լարերով փաթափված գլանաձև հրապատիճներ էին լցված (այս բոլորը նա այնպիսի բծախնդրությամբ էր փաթեթավորել ու դասավորել, ինչպես մանկության օրերին թռչունների ձվերն էր դասավորում)։ Նա շոշափեց փողից անջատված և կաշվե բաճկոնի մեջ ծրարված ավտոմատի կոթը, ուսապարկի ներքնագրպաններից մեկում դրված երկու սկավառակներն ու հինգ պահեստատուփերը, մի ուրիշ գրպանում տեղավորված պղնձալարի երկու կարժերը, մեկը՝ փոքր, մյուսն՝ ավելի մեծ և էլեկտրամեկուսիչով պատված, ապա տափակ բերանով իր աքցանն ու քառակողիկները ծակելու նպատակով վերցված հերունը։ Այդ գրպանից ռուսական սիգարետների մի մեծ տուփ հանեց, դա տվել էին Գոլցի շտաբում, ուսապարկի բերանը կապեց, կողպեքի սողնակը մտցրեց իր տեղը, կափույրներն իջեցրեց, կոճկեց և բրեզենտը նորից քաշեց ուսապարկերի վրա։ Անսելմոն քարայր էր մտել։

Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, ուզում էր հետևել Անսելմոյին, բայց հետո միտքը փոխեց, բրեզենտը գցեց մի կողմ, վերցրեց ուսապարկերը, յուրաքանչյուրը մի ձեռքով և, մի կերպ քարշ տալով, շարժվեց դեպի քարայրի մուտքը։ Մուտքի մոտ մի ուսապարկը ցած դրեց, ծածկոցը քաշեց, բռնեց կաշվե ուսափոկերը ու ծանրության տակ կռացած մտավ քարայրը։

Քարայրում տաք էր ու ծխոտ։ Մի պատի տակ սեղանն էր տեղավորված, վրան դրված էր մի շիշ, որի բերանին ճարպամոմ էին անցկացրել։ Սեղանի շուրջը նստել էին Պաբլոն, երեք տղամարդ, որոնց ծանոթ չէր, և գնչուն՝ Ռաֆայելը։ Մոմի լուսը նստածների ստվերներն էր գծում պատի վրա, Անսելմոն եկել ու կանգնել էր սեղանի մոտ։ Պաբլոյի կինը քարայրի անկյունում օջախի առաջ կանգնած փուքսով հրահրում էր փայտածխի կրակը։ Աղջիկը չոքել էր նրա կողքին և ինչ֊որ բան էր խառնում երկաթյա կաթսայում։ Երբ Ռոբերտ Ջորդանը ներս եկավ, աղջիկը կաթսայի միջից հանեց փայտյա գդալը և հայացքը հառեց նրա վրա, կրակի լույսի տակ Ռոբերտ Ջորդանը տեսավ աղջկա դեմքը, թևերը, գդալի վրայով գլորվող ու երկաթյա կաթսայի մեջ ընկնող կաթիլները։

― Այդ ի՞նչ ես քարշ տվել, ― հարցրեց Պաբոն։

― Իրերս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ուսապարկերը հենեց պատին՝ դռան և սեղանի արանքում։

― Դրսում ավելի լավ չէ՞ր, ― հարցրեց Պաբլոն։

― Կրակը հեռու է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Սիգարետ վերցրու։ ― Հանեց գունավոր, բանվորի մեծ պատկերով խավաքարտե տուփը, կողերին բութ մատի եղունգով գիծ քաշեց և հրեց Պաբլոյի կողմը։

Անսելմոն հումամշակ կաշվով պատած մի աթոռ բերեց նրան, և նա տեղավորվեց սեղանի շուրջը։ Պաբլոն նայեց նրան, թվում էր, թե ուզում է շարունակել խոսակցությունը, հետո շրջվեց և ձեռքը գցեց սիգարետներին։

Ռոբերտ Ջորդանը տուփը հրեց մյուսների կողմը։ Նա նրանց դեռ չէր նայում, բայց նկատեց, որ միայն մեկը սիգարետներ վերցրեց։ Ամբողջ ուշադրությունը լարել էր Պաբլոյի վրա։

― Ո՞նց են գործերդ, գնչու, ― հարցրեց Ռաֆայելին։

― Լավ են, ― ասաց գնչուն։ Ռոբերտ Ջորդանի համար արդեն պարզ էր, որ մինչև ներս գալը իր մասին են խոսել։ Նույնիսկ քնչուն էր շփոթված։

― Կինը թողնո՞ւմ է, որ նորից ուտես, ― հարցրեց Ռաբերտ Ջորդանը գնչուին։

― Այո։ Անպայման, ― ասաց գնչուն։ Հիմա նա արդեն կեսօրվա ուրախ, սրտաբաց ու կատակախոս մարդը չէր։

Պաբլոյի կինը լուռ փչում էր ածուխի կրակը։

― Ագուստին անունով մարդն ասում էր, որ տաղտուկից մեռնում է վերևում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Տաղտուկը չի սպանի, ― ասաց Պաբլոն։ ― Թող մի քիչ էլ մեռնի։

― Գինի կա՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ դիմելով բոլորին և ձեռներով սեղանին հենված ձգվեց առաջ։

― Քիչ է մնացել, ― սրտնեղած ասաց Պաբլոն։

Ռոբերտ Ջորդանը սկսեց նայել երեք անծանոթներին, որոշեց շոշափել տիրոջ տրամադրությունը։

― Որ այդպես է, մի բաժակ ջուր տվեք։ Լսի՛ր, ― ձայն տվեց աղջկան, ― ինձ մի բաժակ ջուր բեր։

Աղջիկը նայեց կնոջը, որ լուռ կանգնել էր և բոլորովին ցույց չէր տալիս, թե լսում է, բաժակը վերցրեց, գնաց կաթսայից ջուր լցրեց ու բերեց դրեց սեղանին՝ Ռոբերտ Ջորդանի դիմաց։ Նա ժպտաց աղջկան։ Հետո որովայնի մկանները պրկեց, մի փոքր ձախ թեքվեց և ատրճանակը մեջքի վրայից սահեցրեց ազդրի կողմը։ Ձեռքը մտցրեց ետևի գրպանը, իսկ Պաբլոն անթարթ հետևում էր նրան։ Նա գիտեր, որ բոլորն են հետևում իրեն, բայց նրա ուշադրությունը միայն Պաբլոյի կողմն էր։ Գրպանից հանեց կաշեպատ տափաշիշը, վերցրեց բաժակը, ջրի կեսը խմեց և տափաշշից սկսեց դանդաղ լցնել բաժակը։

― Քեզ համար սա շատ է թունդ, թե չէ կտայի, որ խմես, ― ասաց աղջկան և նորից ժպտաց։

― Քիչ է մնացել, թե չէ քեզ էլ կտայի, ― ասաց Պաբլոյին։

― Անիսոնն ինձ դուր չի գալիս, ― ասաց Պաբլոն՝ առնելով շուրջը տարածված իրեն ծանոթ սուր հոտը։

― Ավելի լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― թե չէ շատ քիչ է մնացել։

― Այդ ի՞նչ խմիչք է, ― հարցրեց գնչուն։

― Դեղ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ուզո՞ւմ ես փորձել։

― Ինչի՞ համար է։

― Ամեն ինչի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ամեն ինչ բուժում է։ Եթե որևէ հիվանդություն ունես, կբուժի։

― Տուր փորձեմ, ― ասաց գնչուն։

Ռոբերտ Ջորդանը բաժակը հրեց նրա կողմը։ Հույս ուներ, որ գնչուն մի կումից ավելի չի խմի այդ կաթնադեղնագույն հեղուկից։ Շատ քիչ էր մնացել։ Իսկ դրա մի բաժակը այնքան բաների էր փոխարինում հիմա։ Փոխարինում էր երեկոյան թերթերին, գիշերային սրճարաններին, շագանակենիներին, որոնք ծաղկում են այս ամսին, քաղաքի ծայրամասերի ծառուղիներով դանդաղ շարժվող ծանրաքարշ ձիերին, գրախանութներին, կրպակներին, պատկերասրահներին, Մոնսուրի զբոսայգուն, Բուֆալո մարզահրապարակին ու Բյուտ Շոմոնին, «Գարանտի տրաստ կոմպանիին» և Իլ դը լա Սիտեին, հնամենի Ֆոյոտ պանդոկին, երեկոյան ընթերցանություններին ու հանգստին։ Փոխարինում էր այն ամենին, որ եղել էին վայելք ու բավականություն մի ժամանակ, բայց հետո մոռացվել, և հիմա նորից էին հառնում հիշողության մեջ՝ այդ պղտոր, դառնահամ, լեզուն ընդարմացնող, ուղեղը տաքացնող, ստամոքսը ջերմացնող, մտքերը վերափոխող կախարդական հեղուկի ամեն մի կումի հետ։

Գնչուն դեմքը ծամածռեց ու վերադարձրեց բաժակը։

― Հոտը անիսոնի է, բայց դառն է, ոնց որ լեղի, ― ասաց նա։ ― Լավ է հիվանդ էլ մնաս, քան թե այդ դեղը խմես։

― Դա օշինդրից է այդպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկական աբսենթի մեջ օշինդր է լինում։ Ոմանք ասում են, որ սա ուղեղը ցամաքեցնում է։ Ես դրան չեմ հավատում։ Մտքերդ են միայն վերափոխվում։ Սա պիտի լցնես բաժակի մեջ ու հետո շատ դանդաղ, կաթիլ֊կաթիլ ջուր ավելացնես վրան, իսկ ես ջրի վրա լցրեցի աբսենթը։

― Դու այդ ի՞նչ ես պատմում, ― բարկացած ասաց Պաբլոն՝ նրա խոսքերի մեջ ծաղր զգալով։

― Բացատրում եմ, թե ինչ դեղ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և քմծիծաղեց։ ― Մադրիդում եմ գնել։ Վերջին շիշն էր, երեք շաբաթ է արդեն։ ― Նա մի մեծ կում արեց և մի հաճելի թմրություն զգաց լեզի վրա։ Նայեց Պաբլոյին ու նորից քմծիծաղեց։

― Հետո՞, ասա տեսնենք, ո՞նց են գործերդ, ― հարցրեց Պաբլոյին։

Պաբլոն չպատասխանեց։ Ռոբերտ Ջորդանն սկսեց ուշադրությամբ նայել երեք անծանոթ սեղանակիցներին։ Մեկի դեմքը լայն էր ու տափակ, տափակ ու դարչնագույն, ոնց որ սեռանոյան ապուխտ, քիթը նույնպես տափակ էր ու ջարդված, բերանի անկյունում դրված ռուսական սիգարետը էլ ավելի էր ընդգծում դեմքի տափակությունը։ Մազերը կարճ էին ու մոխրագույն, մորուքը նույնպես, հագել էր, ինչպես գրեթե բոլորն այդ վայրերում, սև բաճկոն և օձիքը կոճկել էր։ Այն պահին, երբ Ռոբերտ Ջորդանը նայում էր նրան, տղամարդը աչքերն իջեցրել էր ու անթարթ հայացքը գցել էր սեղանին։ Մյուս երկուսը հավանաբար եղբայրներ էին։ Շատ էին նման, երկուսն էլ կարճահասակ, պնդակազմ, սևահեր, մազերը թափված ճակատին, աչքերը մուգ, մաշկը թուխ։ Մեկի ճակատին, ձախ աչքի վերևում, սպի կար։ Նա նայում էր նրանց, նրանք էլ իր վրա էին հառել անթարթ հայացքները։ Մեկը քսանվեց֊քսանութ տարեկան կլիներ, մյուսը՝ երևի մի երկու տարով մեծ։

― Այդ ինչի՞ վրա ես այդպես նայում, ― հարցրեց սպիավոր եղբայրը։

― Քո վրա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Եվ ի՞նչ արտակարգ բան տեսար։

― Ոչ մի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Սիգարետ վերցրու, չե՞ս ուզում։

― Ինչո՞ւ չեմ ուզում, ― ասաց եղբայրը։ Նա դեռ չէր վերցրել։ ― Այն մեկն էլ էր այս սիգարետներից ծխում։ Գնացքինը։

― Դու է՞լ ես մասնակցել գնացքի պայթեցմանը։

― Մենք բոլորս էլ մասնակցել ենք, ― հանգիստ ասաց եղբայրը։ ― Բոլորս, բացի ծերուկից։

― Մեզ հիմա հենց այդպիսի բան է պետք, ― ասաց Պաբլոն։ ― Մի նոր գնացք։

― Կարող ենք անել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կամրջից հետո։

Նա նկատեց, որ Պաբլոյի կինը շրջվել է ու ականջ է դնում։ Կամուրջ բառից հետո լռություն տիրեց։

― Կամրջից հետո, ― վճռականապես կրկնեց Ռոբերտ Ջորդանն ու մի կում աբսենթ առավ բերանը։ Պիտի խոսես, մտածեց նա, ուզես թե չուզես։ Մեկ է, այս խոսակցությունից խուսափել չես կարող։

― Կամրջի պայթեցմանը ես չեմ մասնակցի, ― ասաց Պաբլոն ու հայացքն իջեցրեց։ ― Ոչ ես կմասնակցեմ, ոչ էլ իմ մարդիկ։

Ռոբերտ Ջորդանը ոչ մի խոսք չասաց։ Նա նայեց Անսելմոյին, բարձրացրեց բաժակն ու ասաց․

― Ուրեմն, ծերուկ, երկուսով ենք պայթեցնելու։

― Առանց այս թուլամորթի, ― ասաց Անսելմոն։

― Ի՞նչ ասացիր, ― հարցրեց Պաբլոն ծերունուն։

― Քեզ ինչ։ Քեզ հետ չեմ խոսում, ― ասաց Անսելմոն։

Ռոբերտ Ջորդանը հայացքը շրջեց Պաբլոյի կնոջ կողմը։ Սա դեռ լսում էր և խոսակցությանը խառնվելու նշաններ ցույց չէր տալիս։ Կինը ցածրաձայն մի բան ասաց աղջկան, սա վեր կացավ կրակի առջևից, սահեց պատի կողքով, մի կողմ քաշեց քարայրի ծածկոցն ու դուրս եկավ։ Կարծես թե ուզում է խառնվել խոսակցությանը, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Այո, այդպես է երևում։ Չէի ուզի, որ այսպես ստացվեր, բայց եթե ուրիշ հնար չկա՞։

― Ուրեմն առանց քո օգնության կպայթեցնենք կամուրջը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Պաբլոյին։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը տեսավ, թե ինչպես նրա երեսը քրտինքով պատվեց։ ― Այստեղ դու կամուրջ չես պայթեցնի։

― Չէ՞։

― Դու կամուրջ չես պայթեցնի, ― ծանր֊ծանր ասաց Պաբլոն։

― Իսկ դու ի՞նչ կասեիր, ― դիմեց Ռոբերտ Ջորդանը Պաբլոյի կնոջը, որը հանգիստ և հսկայամարմին կանգնել էր օջախի կողքին։ Կինը շրջվեց նրանց կողմն ու ասաց․

― Ես կողմ եմ կամրջի պայթեցմանը։ ― Կրակի լույսն ընկել էր նրա դեմքին, նա կարմրել էր, ավելի թխացել, մի տաք փայլ էր ստացել ու գեղեցկացել։ Այդպես էլ պետք է լիներ։

― Ի՞նչ ասացիր, ― հարցրեց Պաբլոն ու շրջվեց կնոջ կողմը։ Ռոբերտ Ջորդանը նրա հայացքում նկատեց դավաճանության զոհ դարձած մարդու արտահայտություն, տեսավ, թե ինչպես է քրտնակալել նրա ճակատը։

― Ես կողմ եմ կամրջի պայթեցմանը և դեմ եմ քեզ, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Ուրիշ ոչինչ։

― Ես էլ եմ կողմ կամրջին, ― ասաց տափակ դեմքով ու ջարդված քթով մարդը և ծխախոտի մնացուկը հանգցրեց սեղանին։

― Ես կամրջի հետ գործ չունեմ, ― ասաց եղբայրներից մեկը։ ― Ես կողմ եմ Պաբլոյի mujer֊ին։

― Ես էլ, ― ասաց մյուս եղբայրը։

― Ես էլ, ― ասաց գնչուն։

Ռոբերտ Ջորդանը ձեռքն իջեցրել էր ցած, դրել ատրճանակին ու հետևում էր Պաբլոյին։ Նա պատրաստ էր ամեն րոպե սեղմելու բլթակը, եթե անհրաժեշտ լիներ, բայց մտածում էր, որ լավ կլինի, եթե դրա կարիքը չզգացվի, թեև հարցը լուծելու ամենապարզ ու ամենահեշտ եղանակը դա է։ Հիմա արդեն ինչ֊որ լավ բան էր նկատվում, պետք չէ գործը փչացնել, մանավանդ որ գիտի, թե ինչպես կարող է միանգամից ամեն ինչ շուռ գալ, երբ գործը հասնի կռվի․ ողջ ընտանիքը, տոհմը, ողջ խումբը կարող են դուրս գալ օտարականի դեմ, բայց այնուամենայնիվ, մտածում էր նա, եթե գործն այդպիսի ընթացք է ստացել, ամենապարզ, ամենալավ և հարցի ամենաճիշտ վիրաբուժական լուծումը բլթակը սեղմելն է։ Նա հետևում էր նաև Պաբլոյի կնոջը, որը հպարտ, ամուր ու առողջ կանգնել էր և շիկնած լսում էր երդումի նման արտասանվող խոսքերը։

― Ես Հանրապետության հետ եմ, ― երջանկությամբ ասաց Պաբլոյի կինը։ ― Իսկ Հանրապետությունը կամրջի պայթեցումն է։ Հետագայում ժամանակ կունենանք ուրիշ ծրագրեր էլ գլուխ բերելու։

― Այդպես ես կարծում, հա՞մ ― դառնացած ասաց Պաբլոն։ ― Դո՛ւ, ցուլի քո այդ ուղեղով ու պոռնիկի քո այդ սրտով։ Դու կարծում ես, որ կամրջից հետո դեռ հետագա է լինելու, հա՞։ Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ է լինելու։

― Այն, ինչ որ պիտի լինի, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Ինչ֊որ պիտի լինի, այն էլ կլինի։

― Եվ քեզ համար ոչ մի նշանակություն չունի՞, որ այս անօգուտ գործից հետո մեզ որսերի պես կհետապնդեն։ Որ կմեռնենք։

― Ոչ մի, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Եվ չփորձես ինձ վախեցնել, թուլամո՛րթ։

― Թուլամորթ, ― դառնացած ասաց Պաբլոն։ ― Թուլամորթ եմ, որովհետև գիտեմ, թե ինչ բան է տակտիկա ասվածը։ Որովհետև գիտեմ, թե ինչ է լինելու այս խելագարության արդյունքը։ Եթե մեկը գիտի, թե ինչ բան է հիմարությունը, չի նշանակում, որ նա թուլամորթ է։

― Իսկ եթե գիտի, թե ինչ բան է թուլամորթությունը, դա նույնպես չի նշանակում, որ նա հիմար է, ― ասաց Անսելմոն, որն արդեն չէր կարողացել խոսքն եկած տեղը լռել։

― Դու մեռնել ուզո՞ւմ ես, ― լրջորեն հարցրեց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը նկատեց, որ դա հռետորական հարց չէ։

― Ո՛չ։

― Ուրեմն բերանիդ չափն իմացիր։ Շատ ես խոսում, հասկանում ես, չես հասկանում, մեկ է։ Չե՞ս տեսնում, որ սա լուրջ բան է, ― ասաց համարյա ողբագին։ ― Ի՞նչ է, միայն ե՞ս եմ այստեղ, որ տեսնում եմ, թե սա ինչ լուրջ բան է։

― Երևի այո, միայն դու, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Այո՛, Պաբլո՛, այո՛, ծերո՛ւկ։ Միայն դու։ Մեկ էլ ես։ Դու ես տեսնում, մեկ էլ ես, կինը չի տեսնում, նա կարդաց ափիս մեջ, բայց տակավին չի տեսնում։ Տակավին չի տեսնում։

― Ի՞նչ է, հենց այնպե՞ս եմ դարձել ձեր առաջնորդը, ― հարցրեց Պաբլոն։ ― Ես գիտեմ, թե ինչ եմ խոսում։ Դուք չգիտեք։ Այս ծերուկը հիմարություններ է դուրս տալիս։ Ո՞վ է սա, ընդամենը սուրհանդակ, մեկ էլ օտարականների ուղեկցորդ։ Այս օտարականը այս գործն անում է օտարականների օգուտի համար։ Իր օգուտի համար մենք պետք է զոհվենք։ Ես մեր լավն եմ ուզում, մեր ապահովությունը։

― Ապահովություն, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Այդպիսի բան չկա։ Այնքան մարդ է հիմա այստեղ ապահովություն փնտրում, որ վտանգը գնալով մեծանում է։ Ապահովության ետևից որ ընկնենք, ունեցածներս էլ կկորցնենք։

― Նա եկել և շերեփը ձեռքին կանգնել էր սեղանի կողքին։

― Ապահովություն կա, ― ասաց Պաբլոն։ ― Ապահով լինելու համար պետք է իմանաս, թե ինչպես շարժվես, որ վտանգը կողքովդ անցնի։ Ոնց որ ցլամարտիկներն են անում, վտանգն անցնում է կողքներով, իսկ իրենք մնում են անվնաս։

― Մինչև կոտոշահարվելը, ― դառնությամբ ասաց կինը։ ― Այդ խոսքերը ինչքան ասես լսել եմ մատադորներից, բայց մեկ է, մի օր կոտոշահարվել են։ Այնքան էր Ֆինիտոն ասում, որ ամեն ինչ գործն իմանալուց է կախված, որ ցուլը երբեք չի կարող կոտոշահարել մարդուն, եթե մարդն ինքը չնետի իրեն նրա կոտոշների վրա։ Նրանք միշտ էլ այդպես պարծենկոտ֊պարծենկոտ խոսում են, բայց մեկ է, մի օր կոտոշահարվում են։ Մենք էլ վեր ենք կենում ու հիվանդանոց այցելության ենք գնում։ ― Նա սկսեց այցելության ժամանակ տեղի ունեցած խոսակցության տնազն անել ու որոտաց․ ― Ողջույն երկարակյաց։ Ողջույն։ ― Հետո հիվանդ ցլամարտիկի նվաղուն ձայնը նմանակելով ասաց․ ― Buenas, compadre։[9]Մանչուկ։</ref> ո՞նց պատահեց այս կեղտոտ փորձանքը։ ― Եվ նորից հոգնած ու ցածրաձայն ասաց։ ― Դատարկ բան է, կին։ Դատարկ բան է, Պիլար։ Չպիտի պատահեր։ Ախր լավ էի խփել, հասկացիր։ Ավելի լավ հնարավոր էլ չի խփել։ Խփել էի տեղը տեղին, արդեն ծնկները երերում էին, հենց այն էր ծալվելու էին մարմնի ծանրության տակ, ես էլ սկսեցի հպարտ֊հպարտ հեռանալ, մեկ էր ետևիցս փափուկ տեղիս միջով կոտոշը խրեց մինչև լյադրս։ ― Կինը ծիծաղեց և դադարելով ցլամարտիկի կանացի ձայնը նմանակելուց, նորից որոտաց։ ― Այդ էլ քեզ ապահովություն։ Ի՞նչ է, իզո՞ւր եմ ինը տարի աշխարհի ամենաձախողակ մատադորների հետ ապրել։ Վախն էլ գիտեմ, ապահով լինելն էլ։ Ինչ խոսում ես խոսիր, ապահովության մասին չխոսես։ Հիմա դառնամ քեզ։ Ինչպիսի՜ երազներով կապվեցի քեզ հետ։ Հետո ի՞նչ դուրս եկավ, ընդամենը մեկ տարի է անցել պատերազմն սկսվելու օրից, և տես, թե ինչ ես դարձել։ Անբան, հարբեցող, թուլամորթ։

― Դու իրավունք չունես ինձ հետ այդ ձևով խոսելու, ― ասաց Պաբլոն։ ― Մանավանդ ուրիշների մոտ, օտարականի մոտ։

― Միայն այդ ձևով եմ խոսելու, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Չլսեցի՞ր, թե ինչ ասացին մարդիկ։ Կարծում ես, թե տակավին դո՞ւ ես հրամանատարը։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Հրամանատարը ես եմ։

― Վերջ տուր կատակներիդ, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Հրամանատարը ես եմ։ Լսեցիր չէ՞, la gente, մարդկանց կարծիքը։ Միակ հրամանատարը ես եմ։ Եթե ցանկանում ես, կարող ես մնալ այստեղ, կարող ես ուտել մեզ հետ, գինի խմել, բայց չափը չանցնել, կարող ես մասնակցել մեր գործերին, եթե ցանկանաս։ Բայց իմացիր, հրամանատարը ես եմ։

― Ես քեզ կգնդակահարեմ, քեզ էլ, օտարականին էլ, ― մռայլված ասաց Պաբլոն։

― Փորձի՛ր, ― ասաց կինը։ ― Կտեսնես, թե ինչ կգա գլուխդ։

― Մի բաժակ ջուր տվեք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ հայացքը չկտրելով մռայլված, ծանրախոհ տղամարդուց, միաժամանակ հետևելով կնոջը, որը հպարտ ու ինքնավստահ կանգնել էր սեղանի կողքին և բարձր ու տիրականորեն պահել էր շերեփը ձեռքի մեջ, որպես գայիսոն։

― Մարիա՛, ― ձայն տվեց Պաբլոյի կինը, և երբ աղջիկն երևաց, ասաց․ ― ընկերոջը ջուր բեր։

Ռոբերտ Ջորդանը ձեռքը տարավ գրպանը տափաշիշը հանելու և այդ միջոցին էլ ատրճանակի պատյանը բացեց և դրեց ազդրի վրա։ Հետո իր դատարկված բաժակի մեջ աբսենթ լցրեց և սկսեց աղջկա բերած ջուրը կաթիլ֊կաթիլ լցնել աբսենթի վրա։ Աղջիկը կանգնել էր կողքին ու դիտում էր։

― Դուրս արի, ― ասաց Պաբլոյի կինը աղջկան և գդալով ցույց տվեց քարայրի մուտքը։

― Ցուրտ է դրսում, ― ասաց աղջիկը և, այտը հպած Ռոբերտ Ջորդանին, շարունակեց նայել պղտորվող հեղուկին։

― Գուցեև այդպես է, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Բայց այստեղ էլ չափից ավելի շոգ է։ ― Հետո մեղմ ձայնով ավելացրեց․ ― Քիչ մնաց։

Աղջիկը գլուխը կախեց ու գնաց։

Երևի այլևս չի կարողանա համբերել, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Մի ձեռքով պահեց բաժակը, մյուսը, արդեն բացահայտորեն, տարավ ատրճանակին, ապահովիչն իջեցրեց և, երբ առավ ափի մեջ, զգաց, թե ինչպիսի հանգստությամբ համակվեց ողորկ ու մաշված փոսորակի և ձգանի սառն կեռիկի մտերմիկ հպումից։ Պաբլոն հիմա իրեն չէր նայում։ Նայում էր միայն կնոջը։ Կինը շարունակեց։

― Լսի՛ր, հարբեցող։ Հիմա հասկացա՞ր, թե ով է այստեղ հրամանատարը։

― Ես եմ հրամանատարը։

― Ո՛չ, մազակալած ականջիդ կեղտը մաքրի՛ր ու լսի՛ր։ Լավ լսիր։ Այստեղ հրամայում եմ ես։

Պաբլոն նայում էր նրան, բայց դեմքի արտահայտությունից հնարավոր չէր կռահել, թե ինչ էր մտածում։ Նայում էր կնոջը բավական ինքնավստահ, հետո շրջվեց և զննող ու երկարատև հայացքով նայեց սեղանի մյուս ծայրին նստած Ռոբերտ Ջորդանին, հետո նորից դարձավ կնոջ կողմը։

― Լավ։ Դու հրամայիր, ― ասաց նա։ ― Եթե ուզում ես, նա էլ կարող է հրամայել։ Եվ երկուսդ էլ կարող եք գնալ գրողի ծոցը։ ― Նայում էր ուղիղ կնոջ դեմքին և հայացքի մեջ ոչ նվաստացման նշույլ կար, ոչ էլ վախի։ ― Գուցև ճիշտ է, որ ծույլ եմ։ Գուցեև շատ եմ խմում։ Հնարավոր է։ Կարող ես նաև ինձ թուլամորթ համարել, կարող ես, բայց իմացիր, դա ճիշտ չէ։ Ես հիմար չեմ։ ― Լռեց։ ― Հրամայիր, եթե դա քեզ համար հաճելի է։ Իսկ հիմա, եթե դու կին ես և ոչ թե միայն հրամանատար, մի բան տուր ուտենք։

― Մարի՛ա, ― ձայն տվեց Պաբլոյի կինը։ Քարայրի մուտքի ծածկոցը քաշվեց և երևաց աղջկա գլուխը։ ― Արի ընթրիքը մատուցիր։

Աղջիկը ներս եկավ, գնաց օջախի կողքի ցածրիկ սեղանի վրայից վերցրեց էմալապատ ամաններն ու բերեց դրեց սեղանին։

― Գինի կա, բոլորին կհերիքի, ― ասաց Պաբլոյի կինը Ռոբերտ Ջորդանին։ ― Ուշադրություն մի՛ դարձրու այդ հարբեցողի ասածներին։ Սա էլ որ վերջանա, նորը կճարենք։ Վերջացրո՛ւ քո այդ տարօրինակ խմիչքն ու գինի լցրու բաժակդ։

Ռոբերտ Ջորդանը մի շնչով կուլ տվեց մնացած աբսենթը և զգաց, որ մի ներքին, աննկատելի, խոնավ գոլորշու նման թեթև ջերմություն տարածվեց մարմնում, քիմիական ռեակցիաներից առաջացող ջերմություն։ Դատարկ բաժակը տվեց աղջկան, նա թասից գինի լցրեց և ժպտաց իրեն։

― Հետո՞, տեսա՞ր կամուրջը, ― հարցրեց գնչուն։ Մյուսները, որ հպատակությունները փոխելուց հետո բերանները փակ նստել էին, ձգվեցին առաջ, որպեսզի լսեն խոսակցությունը։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հեշտ գործ է։ Ուզո՞ւմ եք ցույց տամ։

― Այո, բարեկամ։ Հետաքրքիր է։

Ռոբերտ Ջորդանը կրծքագրպանից հանեց նոթատետրը և ցույց տվեց գծանկարները։

― Տես, ինչքան նման է, ― ասաց տափակադեմ մարդը, որի անունը Պրիմիտիվո էր։ ― Կամուրջն է, որ կա։

Ռոբերտ Ջորդանը մատիտի ծայրով ցույց էր տալիս, թե որտեղ են դրվելու պայթագլանիկները, բացատրում էր, թե ինչու են դրվելու այդ տեղերում և ինչպես է պայթեցվելու կամուրջը։

― Ինչքա՜ն պարզ է, ― ասաց սպիավոր եղբայրը, որի անունը Անդրես էր։ ― Իսկ ինչպե՞ս ես դրանք պայթեցնելու։

Ռոբերտ Ջորդանը դա էլ բացատրեց, և այն պահին, երբ ցույց էր տալիս, թե ինչպես է արվում այդ ամենը, զգաց, որ աղջկա թևն իր ուսին է։ Պաբլոյի կինը նույնպես լսում էր բացատրությունները։ Միայն Պաբլոն էր, որ ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում։ Նստել էր և մերթ ընդ մերթ սուզում էր բաժակը կողքի գինու թասի մեջ, որ քարայրի մուտքի ձախ կողմում կախված տիկից լցրել էր Մարիան, և խմում էր։

― Այսպիսի բաներ շա՞տ ես արել, ― ցածրաձայն հարցրեց աղջիկը։

― Այո։

― Իսկ մենք կտեսնե՞նք, թե ոնց է լինելու։

― Այո։ Ինչո՞ւ չէ։

― Կտեսնեք, ― ասաց սեղանի ծայրից Պաբլոն։ ― Ես համոզված եմ, որ կտեսնեք։

― Լռի՛ր, ― ասաց Պաբլոյի կինը և հանկարծ, երբ հիշեց, թե ինչ էր տեսել կեսօրին Ռոբերտ Ջորդանի ափը նայելիս, գոռաց՝ վայրի, խելահեղ զայրույթով․ ― լռի՛ր, թուլամորթ։ Չկռռաս, ագռավ։ Լռի՛ր, մարդասպան։

― Լավ, ― ասաց Պաբլոն։ Լռում եմ։ Դու հրամանատար ես և պետք է նայես այդ սիրուն պատկերներին։ Բայց հիշիր, ես հիմար չեմ։

Պաբլոյի կինն զգաց, որ կատաղությունը փոխվում է ցավի, հույսերի ու խոստումների խորտակման մի հին զգացողության, որը ծանոթ էր իրեն դեռ այն օրերից, երբ փոքրիկ աղջիկ էր, և գիտեր, թե իր ամբողջ կյանքի ընթացքում ինչեր են հետևել դրան։ Հիմա նորից հանկարծակի հայտնվել է այդ զգացողությունը, և կինը փորձեց հեռացնել այն իրենից, չթողնել, որ դիպչի իրեն, դիպչի Հանրապետությանը, ու ասաց․

― Հացի նստենք։ Մարի՛ա, ամանները լցրո՛ւ։

Գլուխ հինգերորդ

Ռոբերտ Ջորդանը մի կողմ քաշեց քարայրի մուտքի առաջ կախված տապճակը, դուրս եկավ ու լիաթոք շնչեց գիշերային սառն օդը։ Մշուշը ցրվել էր, հայտնվել էին աստղերը։ Քամի չկար։ Հիմա, երբ դուրս էր եկել քարայրից, որտեղ տաք ու հեղձուցիչ օդում ծխախոտի ու փայտածուխի ծխին էին խառնվել բրնձի, մսի, շաֆրանի, կարմիր տաքդեղի, ձեթի, հատակին թափված գինու, քարայրի մուտքի կողքին վզից կախված և ոտներն օդում չռված տկի խեժի հոտը, սխտորի կապերի կողքին առաստաղից կախված և իրեն անծանոթ խոտերի հաճելի բուրմունքը, հիմա՝ կարմիր գինուց ու սխտորից բերանում առաջացած պղնձի համից հետո, սեղանի շուրջ նստած մարդկանց շորերին կպած մարդկային ու ձիու քրտնքի հոտից հետո (մարդկային քրտինքը՝ սիրտ խառնող քաղցրավուն հոտով), Ռոբերտ Ջորդանը լիաթոք շնչեց գիշերվա մաքուր, լեռնային օդը, որ սոճու և գետակի կողքին փռված մարգագետնի շաղոտ բույրով էր լցված։ Առատ ցող էր իջել, որովհետև քամին դադարել էր, Ռոբերտ Ջորդանը մտածեց, որ առավոտյան դեմ կցրտի։

Նա կանգնեց, խոր շնչեց ու ականջ դրեց գիշերային ձայներին։ Նախ շատ հեռվից կրակոց լսվեց, հետո բուի կանչը՝ ներքևի անտառից, որտեղ ձիերն էին ցանկապատի մեջ առնված, քիչ անց քարայրից հասան գնչուի երգի հնչյուններն ու կիթառի մեղմ լարաարկերը։

«Ես իմ հորից ժառանգություն ստացա

Երգում էր գնչուն շինծու, խռպոտ ձայնով, որը բարձրացավ, բարձրացավ ու կախվեց օդում։ Հետո շարունակեց․

Լուսինը այս և արեգակ։
Աշխարհն ամբողջ ես ման եկա,
Եվ ծախսել չկարողացա»։

Լարազարկերի խուլ ու մերթընդմերթ ընդհատվող արձագանքով կիթառը կարծես խրախուսում էր երգչին։ Ռոբերտ Ջորդանը լսեց, որ մեկն ասում է․

― Լավ, գնչու, հիմա էլ կատալոնացին երգիր։

― Չէ։

― Հա ՜։ Հա՛։ Կատալոնացին։

― Դե լավ, ― ասաց գնչուն և սկսեց ողբաձայն երգել․

«Քիթս տափակ է,
Դեմքս՝ սև,
Բայց և այնպես մարդ եմ ես»։

― Ole,[10] ― ասաց մեկը։ ― Շարունակի՛ր գնչու։

Գնչուի ձայնն այս անգամ հնչեց ինչ֊որ հեգնախառն ողբերգականությամբ․

«Փառք քեզ աստված, որ ես նեգր եմ,
Ոչ թե կատալոնացի»։

― Շատ եք աղմկում, ― լսվեց Պաբլոյի ձայնը։ ― Վերջացրո՛ւ, գնչու։

― Ճիշտ է, ― լսվեց կնոջ ձայնը։ ― Շատ աղմկեցիք։ Բարձր ես երգում, մեկ էլ տեսար guardia civil֊ը հայտնվեց։ Երգածդ էլ մի բանի նման լինի։

― Ուրիշ երգ էլ գիտեմ, ― ասաց գնչուն ու զարկեց կիթառի լարերին։

― Քեզ պահիր, ― ասաց կինը։

Կիթառը լռեց։

― Այսօր ձայնս տեղը չէ։ Ոչինչ, ― ասաց գնչուն և, ծածկոցը մի կողմ քաշելով, դուրս եկավ մթության մեջ։

Ռոբերտ Ջորդանը նայում էր նրան։ Նա նախ գնաց մի ծառի մոտ, հետո եկավ իմ կողմը։

― Ռոբերտո, ― ասաց գնչուն ցածրաձայն։

― Այո, Ռաֆայել, ― ասաց նա։ Ձայնից կռահեց, որ գինին ազդել է գնչուի վրա։ Ինքն էլ էր խմել՝ երկու աբսենթ, վրայից էլ մի քանի բաժակ գինի, բայց ուղեղը չէր պղտորվել, դատողությունը տեղն էր, սառն ու հստակ, երևի Պաբլոյի հետ կապված բարդությունների պատճառով։

― Ինչո՞ւ չսպանեցիր Պաբլոյին, ― ասաց գնչուն շատ ցածր ձայնով։

― Իսկ ինչո՞ւ սպանեի։

― Վաղ թե ուշ սպանելու ես։ Ինչո՞ւ չօգտվեցիր առիթից։

― Լո՞ւրջ ես ասում։

― Չգիտե՞ս, որ բոլորը դրան էին սպասում։ Ի՞նչ ես կարծում, կինը ինչո՞ւ աղջկան դուրս արեց։ Կարծում ես, որ այս խոսակցությունից հետո հնարավո՞ր է առաջվա պես շարունակել։

― Դուք պետք է սպանեիք։

― Que va[11] ― հանգիստ ասաց գնչուն։ ― Դա քո գործն է, դու պիտի անեիր։ Պաբլոն ոչ մի բարեկամ չունի։

― Մտքումս կար, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց հրաժարվեցի։

― Մենք տեսանք։ Բոլորս էլ նկատեցինք, թե ոնց ես պատրաստվում։ Բայց ինչո՞ւ չարեցիր։

― Մտածեցի, որ կարող է ձեր սրտով չլինել, կամ էլ կնոջ։

― Que va: Կինն այնպես էր սպասում, ոնց որ պոռնիկը ավելի մեծ որսի։ Իսկ դու ավելի ջահել ես, քան թվում է։

― Հնարավոր է։

― Հիմա սպանիր, ― համառորեն շարունակեց գնչուն։

― Դա արդեն մարդասպանություն է։

― Ավելի լավ է նույնիսկ, ― ցածրաձայն ասաց գնչուն։ ― Ավելի անվտանգ է։ Դե գնա՛։ Սպանի՛ր։

― Ես այդպիսի բան չեմ կարող անել։ Այդպիսի բաներից ես զզվում եմ, և նրանք, ովքեր պայքարի են դուրս եկել հանուն մի դատի, այդ ձևով չպետք է գործեն։

― Ուրեմն կռվի մեջ քաշիր, ― ասաց գնչուն։ ― Բայց իմացի՛ր, պիտի սպանես։ Ուրիշ ճար չկա։

Այդ պահին, առանց լռությունը խռովելու, հենց իրենց կողքով բուն սլացավ ցած և որսը մագիլների մեջ առած՝ արագ ու անաղմուկ թափահարեց թևերն ու հեռացավ։

― Նայի՛ր, ― ասաց գնչուն մթության մեջ, ― մարդիկ էլ այդպես պետք է գործեն։

― Իսկ հետո օրը ցերեկով, կույր֊կույր, ագռավներով շրջապատված նստեն ծառի փչակում, ― ասաց Ջորդանը։

― Այսպիսի պահ քիչ է լինում, ― ասաց գնչուն։ ― Առիթն եկել է, բաց մի՛ թողնի։ Սպանի՛ր, թե չէ հետո դժվար կլինի։

― Պահն արդեն անցել է։

― Մի բան արա, կռվի մեջ քաշիր, ― ասաց գնչուն։ ― Կամ է սուսուփուս, առանց իմաց տալու խփիր։

Քարայրի մուտքի ծածկոցը բացվեց և դռան առաջը լուսավորվեց։ Մի մարդ դեպի իրենց կողմը շարժվեց։

― Գեղեցիկ գիշեր է, ― ասաց մարդը խուլ ու թախծոտ ձայնով։ ― Վաղը լավ օր է լինելու։

Պաբլոն էր։

Ռուսական սիգարետ էր ծխում և, երբ ծուխը ներս էր քաշում, կլոր դեմքը լուսավորվում էր, իսկ աստղերի լույսի տակ ուրվագծվում էին նրա խոշոր իրանն ու երկար թևերը։

― Կնոջ ասածներին ուշադրություն մի՛ դարձրու, ― ասաց Ռոբերտ Ջորդանին։ Սիգարետի կրակը մի պահ ուժեղ լուսարձակեց և հետո երևած իջեցրած ձեռքի մեջ։ ― Երբեմն ինքն իրենից դուրս է գալիս։ Բայց լավ կին է։ Շատ հավատարիմ է Հանրապետությանը։ ― Հիմա սիգարետի կրակը ամեն խոսքի հետ թեթև ոստոստում էր մթության մեջ։ Երևի խոսելիս բերանի անկյունում է պահում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ ― Ոչ մի դժվարություն չի ծագի մեր միջև։ Ամեն ինչում համաձայն ենք։ Ես ուրախ եմ, որ դու եկել ես։ ― Սիգարետի կրակը նորից ուժեղ լույս արձակեց։ ― Դու մեր վեճերին ուշադրություն մի՛ դարձրու, ― ասաց նա։ ― Դու բարով ես եկել։ Իսկ հիմա ինձ ներիր, ― ասաց նա, ― գնամ տեսնեմ ոնց են կապել ձիերին։

Ծառերի արանքով նա գնաց դեպի մարգագետին, ներքևից ձիու խրխինջ լսվեց։

― Տեսնո՞ւմ ես, ― ասաց գնչուն։ ― Հիմա տեսնո՞ւմ ես։ Առիթը ձեռքից բաց թողեցինք։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չպատասխանեց։

― Ես գնում եմ ներքև, ― զայրացած ասաց գնչուն։

― Ի՞նչ անելու։

― Que va, ինչ անելու։ Թույլ չտալու, որ փախչի։

― Ներքևով կարո՞ղ է ձիով փախչել։

― Ոչ։

― Որ այդպես է, գնա այնտեղ, որտեղից կարող ես փախուստը խափանել։

― Այնտեղ Ագուստինն է։

― Ուրեմն գնա և խոսիր Ագուստինի հետ։ Պատմիր, թե ինչ եղավ այստեղ։

― Ագուստինը հաճույքով կսպանի նրան։

― Ավելի լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Գնա վերև և տեղը տեղին պատմիր, թե ինչ և ինչպես եղավ։

― Հետո՞։

― Ես էլ գնամ մարգագետնի կողմը։

― Լավ, բարեկամս։ Լավ։ ― Ռաֆայելի դեմքը նա չէր տեսնում, բայց զգում էր, որ ժպտում է։ ― Նշանակում է թևրդ քշտեցիր, լավ է, ― հավանություն տալով ասաց գնչուն։

― Դու գնա Ագուստինի մոտ։

― Գնացի, Ռոբերտո, գնացի, ― ասաց գնչուն։

Մթության մեջ խարխափելով՝ Ռոբերտ Ջորդանը սոճիների արանքներով հասավ մարգագետին։ Նա նայեց աստղերի լույսի տակ փռված բացատին ու տեսավ կապված ձիերի սև ուրվագծերը, որ ձգվել էին մինչև գետակ։ Հաշվեց։ Հինգն էին։ Նստեց մի սոճու տակ և սկսեց նայել մարգագետնի կողմը։

Հոգնած եմ, մտածեց նա, և թերևս դրա համար էլ լավ չեմ դատում։ Բայց իմ պարտականությունը կամուրջն է, և որպեսզի գործը գլուխ բերեմ, ես իրավունք չունեմ ինձ ավելորդ ռիսկի ենթարկելու։ Իհարկե, ռիսկից խուսափելն ավելի մեծ ռիսկ է, բայց ես այդպես վարվեցի, որպեսզի չխանգարեմ իրադարձությունների բնական ընթացքը։ Եթե գնչուն ճիշտ է ասում, թե նրանք սպասել են, որ ես Պաբլոյին սպանեմ, ուրեմն պետք է սպանած լինեի։ Բայց մտքովս իսկ չէր անցնում, որ նրանք ինձնից այդպիսի բան կարող են սպասել։ Օտար վայրում ո՞նց մարդ սպանես և հետո էլ հետներն աշխատես։ Չէ, չէր լինի։ Վատ կլիներ։ Ուրիշ բան է մարտի ժամանակ, ասենք եթե չի ենթարկվում զինվորական կարգապահությանը, բայց այս դեպքում, չէ, սխալ կլիներ, շատ վատ կլիներ, թեև գայթակղությունից խուսափելն էլ դժվար էր, այնքան պարզ ու կտրուկ էր թվում հարցի լուծումը։ Բայց այս երկրում պարզ ու կտրուկ բան չեմ հավատում, որ առհասարակ գոյություն ունի։ Այ, չնայած լիովին վստահում եմ կնոջը, բայց էլի չեմ կարող ասել, թե նա իրեն ինչպես կպահեր, եթե ես այդ կտրուկ միջոցին դիմեի։ Մահը այդպիսի տեղերում շատ տգեղ, կեղտոտ, զզվելի տպավորություն կարող է թողնել։ Եվ ես չեմ կարող ասել, թե կինն ինչպես կպահեր իրեն։ Իսկ առանց այս կնոջ ո՛չ կարգ կարող է լինել այստեղ, ո՛չ կանոն։ Իդեալականն այն կլիներ, որ կինը սպաներ նրան, կամ էլ գնչուն (բայց սա չէր անի), կամ Ագուստինը։ Անսելմոն կսպանի, եթե ասեմ, բայց արի տես, որ նա էլ դեմ է սպանությանը։ Նա Պաբլոյին ատում է, այդպես եմ կարծում, իսկ ինձ վստահում է, հավատում է, որովհետև ես ներկայացուցիչն եմ այն գործի, որին ինքը հավատում է։ Միայն նա, մեկ էլ կինն են հավատում Հանրապետությանը, ինչքան կարողանում եմ տեսնել։ Բայց դեռ վաղ է հաստատ ասելու համար։

Երբ աչքերն ընտելացան աստղերի լույսին, նա տեսավ, որ Պաբլոն կանգնած է ձիերից մեկի կողքին։ Ձին ընդհատել էր արածելն ու բարձրացրել էր գլուխը, բայց անհանգիստ շարժումով նորից իջեցրեց։ Պաբլոն կանգնել էր ձիու կողքին, հենվել նրան ու շոյում էր վիզը, և ամեն անգամ, որ ձին ձգում էր կապը, նա տարուբերվում էր ձիու հետ։ Պաբլոյի փաղաքշանքը գրգռում էր ձիուն, որովհետև չէր կարողանում հանգիստ արածել։ Ռոբերտ Ջորդանը չէր կարող տեսնել, թե Պաբլոն ինչ է անում, չէր կարող լսել, թե ինչ է ասում, բայց տեսնում էր, որ ձին կապված է, որ ձին թամբած չէ։ Հիմա նա նստել ու հետևում էր Պաբլոյին, փորձում էր պարզել, թե ինչ է վերջապես անելու։

― Դու իմ խոշոր, լավ ձիուկ, ― ասում էր Պաբլոն մթության մեջ ձիուն։ Նա խոսում էր խոշոր աշխետ նժույգի հետ։ ― Դու իմ խոշոր, գեղեցիկ սպիտակաճակատ։ Քո երկար կոր վիզը նման է իմ քաղաքի մեծ կամուրջին։ ― Կանգ առավ։ ― Բայց ավելի կոր է ու ավելի գեղեցիկ։ ― Ձին մի կողմից ատամներով խոտն էր պոկոտում, մյուս կողմից անընդհատ գլուխն այս ու այն կողմ գցում՝ ձանձրացած և՛ մարդուց, և՛ նրա շաղակրատանքից։ ― Դու ոչ կին ես, ոչ էլ հիմար, ― ասում էր Պաբլոն աշխետ ձիուն։ ― Դո՛ւ, ա՜խ, դո՛ւ, դո՛ւ, դու իմ խոշոր ձիուկ։ Դու շիկացած ժայռի նմանվող կինը չես։ Կամ էլ խուզված գլխով, ձախավեր շարժումներով, թաց, նորածին քուռակի նմանվող աղջիկը չես։ Դու չես նախատում, դու չես ստում, դու ինձ հասկանում ես։ Դո՛ւ, դո՛ւ, ա՜խ, դո՛ւ, իմ լավ, խոշոր ձիուկ։

Ռոբերտ Ջորդանի համար շատ հետաքրքրական էր, թե ինչ է խոսում Պաբլոն իր աշխետ ձիու հետ, բայց չփորձեց ականջ դնել, և վեր կացավ ու գնաց դեպի քարայր, որովհետև համոզվեց, որ Պաբլոն եկել էր սոսկ ձիերին ստուգելու, և հիմա նրան սպանելը միանգամայն սխալ կլիներ։ Պաբլոն դեռ երկար ժամանակ կանգնել էր այնտեղ՝ մարգագետնում, ու խոսում էր ձիու հետ։ Ձին ոչ մի բան չէր հասկանում նրա ասածներից, միայն ձայնի երանգից զգում էր, որ դրանք փաղաքշական խոսքեր են, բայց նա սոված էր, ամբողջ օրը փակված էր եղել ցանկապատի մեջ և հիմա, երբ անհամբեր պոկոտում էր կապի երկայնքին ընկած կանաչ խոտը, այդ մարդը ձանձրացնում էր նրան։ Պաբլոն ցիցը տեղափոխեց և նորից եկավ կանգնեց ձիու կողքին, բայց այլևս չէր խոսում։ Ձին շարունակեց արածել և արդեն հանգիստ էր, որովհետև մարդը հոգին չէր ուտում։

Գլուխ վեցերորդ

Քարայրում Ռոբերտ Ջորդանը նստեց կրակի կողքին, անմշակ կաշիով պատած մի աթոռակի վրա և լսում էր, թե ինչ է ասում կինը։ Սա ամաններն էր լվանում, աղջիկը չորացնում էր դրանք, մի կողմ դնում, հետո չոքած տեղավորում էր պատի խոռոչում, որը պահարանի տեղ էր ծառայում։

― Տարօրինակ է, ― ասաց կինը։ ― Ինչո՞ւ Էլ Սորդոն չեկավ։ Նա մի ժամ առաջ պիտի եկած լիներ։

― Իմաց տվե՞լ էիր, որ գա։

― Չէ։ Նա ամեն երեկո գալիս է։

― Երևի զբաղված է։ Որևէ գործ ունի։

― Հնարավոր է, ― ասաց կինը։ ― Եթե չգա, վաղը մենք պետք է գնանք իրեն տեսնելու։

― Այո։ Հեռո՞ւ է։

― Ոչ։ Մի քիչ կզբոսնենք։ Առիթ կլինի, որ ես էլ տեղիցս շարժվեմ։ Պետք է։

― Իսկ ես կարո՞ղ եմ գալ, ― հարցրեց Մարիան։ ― Ինձ էլ կարելի՞ է գալ, Պիլար։

― Այո, գեղեցկուհի, ― ասաց կինը և իր խոշոր դեմքը շրջեց ու դիմեց Ռոբերտ Ջորդանին․ ― սիրուն է, չէ։ Ի՞նչ կասես, ո՞նց է։ Մի քիչ նիհա՞ր է։

― Եթե ինձ ես հարցնում, շատ լավն է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Մարիան նրա բաժակի մեջ գինի լցրեց։

― Խմի՛ր, ― ասաց։ ― Որ խմես, ավելի լավ կթվամ։ Իսկ որպեսզի գեղեցիկ թվամ, շատ պետք է խմես դրանից։

― Ուրեմն էլ չեմ խմի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― որովհետև արդեն գեղեցիկ ես թվում և ոչ միայն գեղեցիկ։

― Այ թե ինչպես պետք է խոսի տղամարդը, ― ասաց կինը։ ― Իսկական տղամարդ։ Ասում ես ուրիշ ի՞նչ է թվում։

― Խելացի, ― կմկմալով ասաց Ռոբերտ Ջորդանը։ Աղջիկը փռթկաց, իսկ կինը տխուր տարուբերեց գլուխը։

― Ինչքա՜ն լավ սկսեցիր և ինչպես վերջացրիր, դոն Ռոբերտո։

― Ինձ դոն Ռոբերտո մի ասա։

― Կատակ եմ անում։ Պաբլոյին էլ կատակով դոն Պաբլո ենք ասում, Մարիային՝ սենյորիտա Մարիա։

― Ես այդ տեսակ կատակներ չեմ ընդունում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Պատերազմի ժամանակ միայն camarada[12] բառով պետք է դիմել իրար, և առանց որևէ կատակի, միայն լրջորեն։ Կատակների հետ սկսում է քայքայումը։

― Երևում է քաղաքականությունը քեզ համար կրոնի պես մի բան է, ― ձեռ առավ կինը։ ― Դու երբեք չե՞ս կատակում։

― Կատակում եմ։ Եվ շատ էլ սիրում եմ կատակելը։ Բայց մարդկանց դիմելու հարցում կատակ չեմ ընդունում։ Ամեն ինչ չէ, որ կարելի է կատակի վերածել։ Դրոշը, օրինակ, չի կարելի կատակի առարկա դարձնել։

― Ես դրոշն էլ եմ կատակի առարկա դարձնում։ Ուզածդ դրոշը, ― ծիծաղեց կինը։ ― Իմ կարծիքով ամեն ինչ էլ կարելի է կատակի վերածել։ Հին դրոշը դեղին ու կարմիր էր, թարախ ու արյուն էինք ասում։ Հանրապետական դրոշին ավելացել է մանուշակագույնը, դրան էլ ասում ենք թարախ, արյուն ու մանգան։ Կատակ է։

― Կոմունիստ է, ― ասաց Մարիան։ ― Նրանք են այդքան լուրջ gente:

― Կոմունի՞ստ ես։

― Ոչ, ես հակաֆաշիստ եմ։

― Վաղո՞ւց։

― Այն օրվանից, երբ հասկացա, թե ինչ է ֆաշիզմը։

― Իսկ դա ինչքա՞ն ժամանակ է։

― Մոտ տասը տարի։

― Այնքան էլ շատ չէ, ― ասաց կինը։ ― Ես արդեն քսան տարի է, որ հանրապետական եմ։

― Հայրս իր ողջ կյանքն է հանրապետական եղել, ― ասաց Մարիան։ ― Դրա համար էլ գնդակահարեցին։

― Իմ հայրն էլ է ողջ կյանքը հանրապետական եղել։ Պապս նույնպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ո՞ր երկրում։

― Միացյալ Նահանգներում։

― Նրանց գնդակահարե՞լ են, ― հարցրեց կինը։

― Que va, ― ասաց Մարիան։ ― Միացյալ Նահանգները հանրապետական երկիր է։ Այնտեղ հանրապետական լինելու համար չեն գնդակահարում։

― Միևնույն է, հանրապետական պապ ունենալը լավ բան է, ― ասաց կինը։ ― Դա նշանակում է, որ լավ ցեղից է։

― Պապս հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի անդամ է եղել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Դա տպավորություն գործեց նույնիսկ Մարիայի վրա։

― Եվ հայրդ մինչև հիմա էլ այդպես մասնակցո՞ւմ է հանրապետության գործերին, ― հարցրեց Պիլարը։

― Ոչ։ Նա մահացել է։

― Կարելի՞ է հարցնել ինչպես։

― Անձնասպան եղավ։

― Որպեսզի խոշտանգումների՞ց խուսափի, ― հարցրեց կինը։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Որպեսզի խոշտանգումներից խուսափի։

Մարիան նայեց նրան արտասվալից աչքերով։

― Հայրս չի կարողացել զենք ճարել, ― ասաց նա։ ― Ես այնքան ուրախ եմ, որ քո հոր բախտը բերել է, և նա կարողացել է զենք ճարել։

― Այո, բախտը բերել է, լավ է բերել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Եկեք ուրիշ բաներից խոսենք։

― Ուրեմն երկուսիս բախտն էլ նույնն է, ― ասաց Մարիան։ Նա ձեռքը դրեց երիտասարդի թևին և աչքերն հառեց երեսին։ Ռոբերտ Ջորդանը նայեց նրա թուխ դեմքին, նայեց աչքերին, որոնք առաջին անգամ, երբ տեսել էր, այնքան էլ երիտասարդ չէին թվացել, իսկ հիմա, հանկարծ, այնպես էին երիտասարդացել, այնպիսի քաղց կար նրանց մեջ, այնպիսի ցանկություն։

― Ձեզ կարելի է քույր֊եղբոր տեղ դնել, ― ասաց կինը։ ― Բայց բախտներդ բերել է, որ քույր֊եղբայր չեք։

― Հիմա հասկացա, թե ես ինչու այն ժամանակ այդպիսի զգացողություն ունեցա, ― ասաց Մարին։ ― Հիմա պարզ է։

― Que va, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ձեռքը տարավ ու շոյեց աղջկա գլուխը։ Ամբողջ օրը նա ցանկացել էր անել այդ բանը, հիմա արեց ու զգաց, որ կոկորդը սեղմվում է։ Աղջիկը գլուխը շարժեց նրա ձեռքի տակ և ժպտաց նրան, Ռոբերտ Ջորդանի մատների արանքում ալիքվում էին աղջկա թավ, մետաքսյա կարճ մազերը։ Հետո ձեռքը սահեցրեց մինչև ծոծրակն ու իջեցրեց։

― Նորից արա, ― ասաց աղջիկը։ ― Ես ամբողջ օրը դրան եմ սպասել։

― Հետո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը խեղդուկ ձայնով։

― Իսկ ե՞ս, ― ասաց Պաբլոյի կինը իր որոտացող ձայնով։ ― Ուրեմն ես էլ պիտի նստեմ ու նայե՞մ։ Ձեր կարծիքով ես զգացմունքներ չունե՞մ։ Այդպիսի բան չեք կարող ասել։ Ո՞ւր է, գոնե Պաբլոն գար, եթե ավելի լավը չկա։

Մարիան արդեն ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ էլ մյուսների, որ մոմի լույսի տակ քարտ էին խաղում։

― Էլի բերե՞մ գինի, Ռոբերտո, ուզո՞ւմ ես, ― հարցրեց աղջիկը։

― Այո, ― ասաց նա, ― ինչո՞ւ չէ։

― Շուտով դու էլ ինձ նման մի հարբեցող կունենաս։ Սա տարօրինակ բաներ էլ է լցնում բաժակն ու խմում։ Լսի՛ր, Ingles:[13]

― Ես Ingles չեմ։ Ամերիկացի եմ։

― Ուրեմն, լսի՛ր, ամերիկացի։ Որտե՞ղ ես ուզում քնել։

― Դրսում։ Ննջապարկ ունեմ։

― Լավ, ― ասաց կինը։ ― Եկինքը պա՞րզ է։

― Եվ ցուրտ կլինի։

― Ուրեմն դրսում, ― ասաց կինը։ ― Քնիր դրսում։ Քո ունեցածը կողքիս կլինի։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, հետո դարձավ աղջկան, ձեռքը դրեց ուսին ու ասաց․ ― մի քանի րոպե մեզ առանձին թող։

― Ինչո՞ւ։

― Պիլարի հետ խոսելիք ունեմ։

― Պե՞տք է, որ գնամ։

― Այո։

― Ի՞նչ կա, ― հարցրեց Պաբլոյի կինը, երբ աղջիկը գնաց կանգնեց քարայրի մուտքի կողքին կախված գինու տկի մոտ և սկսեց նայել քարտ խաղացողներին։

― Գնչուն ասաց, որ ես պետք է․․․

― Ոչ, ― ընդհատեց կինը։ ― Նա սխալվում է։

― Եթե անհրաժեշտ է, որ ես․․․ հանգիստ միաժամանակ և դժվարությամբ ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դու դա կանեիր, հավատում եմ, ― ասաց կինը։ ― Ոչ, անհրաժեշտ չէ։ Ես հետևում էի քեզ։ Դու ճիշտ դատեցիր։

― Բայց եթե կարիք կա․․․

― Ոչ, ― ասաց կինը։ ― Ես քեզ ասում եմ՝ կարիք չկա։ Գնչուի ուղեղը խանգարված է։

― Բայց թույլ մարդը կարող է վտանգավոր լինել։

― Ոչ։ Դու չես հասկանում։ Այս մեկն էր՝ անցավ, նա այլևս վտանգավոր չէ։

― Չեմ հասկանում։

― Դեռ շատ ջահել ես, ― ասաց կինը։ ― Դեռ կհասկանաս։ ― Հետո դարձավ աղջկան։ ― Արի, Մարիա։ Վերջացրինք մեր խոսակցությունը։

Աղջիկը մոտեցավ, Ռոբերտ Ջորդանը ձեռքը երկարեց, շոյեց նրա գլուխը։ Աղջկան հաճելի էր փաղաքշանքը, ոնց որ կատվի ձագին։ Մի պահ նրան թվաց, որ աղջիկը ուր որ է լաց կլինի։ Բայց նա նորից շրթները պրկեց, նայեց իրեն ու ժպտաց։

― Լավ կանես գնաս քնես, ― ասաց կինը Ռոբերտ Ջորդանին։ ― Երկար ճամփա ես կտրել։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Գնամ իրերս հանեմ։

Գլուխ յոթերորդ

Նա քնել էր ննջապարկի մեջ։ Հանկարծ արթնացավ և իրեն թվաց, որ վաղուց է քնել։ Ննջապարկը փռել էր գետնին, քարայրի մուտքից ոչ այնքան հեռու, ժայռի հովանու տակ։ Քնի մեջ շուռ էր եկել, և ատրճանակը, որ կապված էր ձեռքին, ընկել էր տակը։ Հոգնությունից այնպես էին ուսերի, թիկունքի, սրունքների մկանները բռնվել, որ գետինը փափուկ֊փափուկ էր թվում, իսկ ննջապարկի մեջ հենց միայն ձգվելն ու ֆլանելե կողերին հպվելն արդեն մեծագույն հեշտանք էր։ Սկզբում, երբ զարթնեց, գլխի չընկավ, թե որտեղ է, հետո հիշեց, ատրճանակը հանեց տակից, տեղավորեց այնպես, որ հանգիստ լինի, մի ձեռքով գրկեց բարձը, իսկ բարձը ոչ այլ ինչ էր, քան պարանե ներբանով կոշիկների վրա կոկիկ փաթաթած հագուստի ծրարը, և գոհ ու երջանիկ ձգվեց, որպեսզի նորից քնի։

Ուսի վրա մեկի ձեռքն զգաց, արագ շրջվեց և ձեռքը տարավ ատրճանակին։ Տեսավ աղջիկն է։

― Օ՜, դու ես, ― ասաց ու ատրճանակը գցեց, երկու թևերը դուրս հանեց, գրկեց աղջկան և քաշեց ցած։ Զգաց, որ նա դողում է։

― Ներս մտիր, ― ասաց ցածրաձայն։ ― Ցուրտ է դրսում։

― Ոչ։ Պետք չէ, որ ես մտնեմ։

― Մտի՛ր, ― ասաց նա, ― պետք է, պետք չէ, այդ մասին հետո կխոսենք։

Աղջիկը դողում էր։ Ռոբերտ Ջորդանը մի ձեռքով բռնել էր նրա արմունկը, մյուսը գցեց մեջքին ու թեթևակիորեն գրկեց։ Աղջիկը գլուխը շրջել էր։

― Արի՛, ներս արի, փոքրիկ նապաստակ, ― ասաց ու համբուրեց աղջկա ծոծրակը։

― Վախենում եմ։

― Ոչ, ոչ, մի՛ վախենա։ Մտի՛ր։

― Ինչպե՞ս։

― Պարզապես սահիր։ Տեղ շատ կա։ Օգնե՞մ։

― Ոչ, ― ասաց աղջիկը և հետո արդեն ննջապարկում էր, ու Ռոբերտ Ջորդանը ամուր գրկել էր նրան և փորձում էր համբուրել շրթները, իսկ աղջիկը դեմքը սեղմել էր բարձին, բայց թևերով ամուր փաթաթվել էր տղայի վզին։ Հետո թևերը թուլացան և նորից սկսեց դողալ։

― Ոչ, ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ծիծաղեց։ ― Մի՛ վախենա։ Ատրճանակս է։ ― Վերցրեց ու սահեցրեց մեջքի կողմը։

― Ամաչում եմ, ― ասաց աղջիկը, դեմքը հեռու պահելով։

― Ոչ։ Ամաչելու բան չկա։ Դե՛։ Նայիր ինձ։ Նայի՛ր։

― Ոչ։ ես չպետք է գայի։ Ամաչում եմ։ Վախենում եմ։

― Մի՛։ Իմ փոքրիկ նապաստակ։ Խնդրում եմ։

― Ես չպետք է գայի, չէ՞ որ դու ինձ չես սիրում։

― Ես քեզ սիրում եմ։

― Ես քեզ սիրում եմ։ Ախ, այնպե՜ս եմ ես քեզ սիրում։ Դի՛ր ձեռքդ գլխիս, ― ասաց աղջիկը՝ դեռևս հեռու պահելով իրեն ու դեմքը սեղմած բարձին։ Ռոբերտ Ջորդանը ձեռքը դրեց նրա գլխին։ Աղջիկը գլուխը բարձրացրեց ու ընկավ նրա թևերի մեջ, ամուր փարվեց վզին, երեսը հպել էր երեսին ու լալիս էր։

Ռոբերտ Ջորդանը պինդ գրկել էր աղջկան ու անշարժացել, զգում էր նրա երիտասարդ մարմնի ամբողջ երկարությամբ վազող դողը, զգում էր, թե ինչպես լաց լինելիս շապիկի տակ ցնցվում են աղջկա կլոր, ձիգ կրծքերը։ Ռոբերտ Ջորդանը շոյում էր նրա գլուխը, համբուրում արտասուքով թրջված աղի աչքերը։

― Ես համբուրել չեմ կաող, ― ասաց աղջիկը։ ― Չգիտեմ ինչպես են համբուրում։

― Համբուրվելու կարիք չկա։

― Ոչ։ Ես պետք է համբուրեմ։ Ես պետք է ամեն ինչ անեմ։

― Կարիք չկա ոչ մի բան անելու։ Ամեն ինչ կարգին է։ Միայն թե շատ ես շորեր հագել։

― Իսկ ի՞նչ անեմ։

― Սպասիր օգնեմ։

― Այսպես ավելի լա՞վ է։

― Իհարկե։ Շատ ավելի։ Դու չե՞ս զգում, որ ավելի լավ է։

― Այո։ Շատ ավելի լավ։ Ճի՞շտ էր ասում Պիլարը, ինձ տանելո՞ւ ես։

― Այո։

― Բայց ոչ ապաստարան։ Հետդ։

― Ոչ, ապաստարան։

― Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Հետդ, և ես քո կինն եմ լինելու։

Պառկել էին, և այն ամենն, ինչ առաջ ծածկված էր, հիմա ծածկված չէր։ Հագուստի անհարթությանը փոխարինել էր մաշկի ողորկությունը, սառն ու տաք ողորկությունը, արտաքինից սառը, ներսից՝ տաք, ամեն ինչ լցվել էր, կլորացել, ամեն ինչ ցնցվում էր, ձգվում, սեղմվում, անշարժանում, ցավեցնում ու երջանկացնում, իսկ հիմա արդեն Ռոբերտ Ջորդանը այնպիսի մի անձկություն զգաց, որ կուրծքն սկսեց սեղմվել, ցավել, սուր, ծակող մի անձկություն, որին նա չէր կարող այլևս դիմադրել, ու հարցրեց․

― Դու որևէ մեկին սիրե՞լ ես։

― Երբեք։ ― Հետո հանկարծ, մեռելի պես թուլացավ Ռոբերտ Ջորդանի թևերի մեջ։ ― Բայց այդպիսի բաներ արել են ինձ հետ, ― ասաց։

― Ովքե՞ր։

― Տարբեր մարդիկ։

Հիմա նա դիակի նման անշարժացած պառկել էր, հետո դեմքը շրջեց Ռոբերտ Ջորդանից։

― Դու ինձ այլևս չես սիրի։

― Ես քեզ սիրում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Բայց ինչ֊որ բան կատարվեց, ինչ֊որ բան փոխվեց նրա մեջ, և աղջիկն զգաց դա։

― Ոչ, ― ասաց աղջիկը, և նրա ձայնը դարձավ անկենդան ու նվաղուն։ ― Դու ինձ չես սիրի։ Բայց գուցե կտանե՞ս ապաստարան։ Կգնամ ապաստարան, կինդ չեմ դառնա, ոչ էլ ուրիշ բան։

― Ես քեզ սիրում եմ, Մարիա՛։

― Ոչ։ Ճիշտ չէ, ― ասաց նա։ Հետո, որպես վերջին մի կռվան, հույսով ու թախանձագին ասաց։ ― Ես երբեք և ոչ ոքի չեմ համբուրել։

― Ուրեմն համբուրիր ինձ։

― Կհամբուրեի, ― ասաց նա, ― բայց չգիտեմ ինչպես պետք է անել։ Երբ ինձ հետ այնպիսի բաներ էին ուզում անել, ես կռվում էի, ծփում նրանց, խփում, ոչինչ չէի տեսնում։ Ես կռվում էի, կռվում էի, մինչև որ, մինչև որ, մինչև որ մեկը նստեց գլխիս, իսկ ես նրան կծեցի, հետո նրանք բերանս կապեցին, թևերս տարան գլխիս ետևը ու այդպես պահեցին, իսկ մյուսներն այնպիսի բաներ արեցին արեցին ինձ։

― Ես քեզ սիրում եմ, Մարիա՛։ ― Ասաց նա։ ― Եվ իմացի՛ր, քեզ ոչ ոք ոչ մի բան չի արել։ Քեզ նրանք չեն կարող դիպչած լինել։ Ոչ ոք քեզ չի դիպչել, փոքրիկ նապաստակ։

― Դու այդպե՞ս ես կարծում։

― Ես գիտեմ, որ այդպես է։

― Եվ դու կարո՞ղ ես ինձ սիրել, ― հարցրեց աղջիկը, և Ռոբերտ Ջորդանը նորից զգաց նրա մարմնի տաքությունը։

― Ես հիմա ավելի շատ եմ սիրում քեզ։

― Ես կջանամ քեզ շատ լավ համբուրել։

― Դե համբուրի՛ր ինձ։

― Չգիտեմ ինչպես։

― Հենց այնպես, համբուրի՛ր։

Աղջիկը համբուրեց Ռոբերտ Ջորդանի այտը։

― Չեղավ։

― Իսկ քիթս ի՞նչ անեմ։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե քիթը ի՞նչ են անում։

― Նայի՛ր, շրջի՛ր գլուխդ, ― և նրանց շրթունքներն ամուր հպվեցին իրար, և աղջիկը սեղմվեց նրան, բերանը բացվեց, իսկ Ռոբերտ Ջորդանը աստիճանաբար, հետո միանգամից ամուր գրկեց նրան, և իրեն թվաց, որ ինքը երբեք այսքան երջանիկ չի եղել, չի զգացել այսպիսի եթերային, քնքուշ, ցնծագին երջանկություն, երբ հեռու ես ամեն տեսակի խոհերից, հոգնությունից, հոգսից ու համակված ես միայն մեկ ու մեծագույն վայելքի զգացողությամբ։

― Փոքրիկ նապաստակս։ Սիրելի՛ս։ Անուշի՛կս։ Երկարոտիկ գեղեցկուհի՛ս, ― շշնջում էր նա։

― Ի՞նչ ես ասում, ― հարցրեց աղջիկը կարծես հեռվից։

― Գեղեցկուհի՛ս, ― ասաց նա։

Նրանք պառկել էին ու Ռոբերտ Ջորդանը զգում էր աղջկա սրտի բաբախյունը և որով թեթև շոյում էր նրա ոտը։

― Բոբիկ ես եկել, ― ասաց նա։

― Այո։

― Ուրեմն գիտեիր, որ անկողին ես մտնելու։

― Այո։

― Եվ չէիր վախենում։

― Վախենում էի։ Շատ։ Բայց ավելի շատ մտածում էի, թե ոնց կլինի, եթե հանեմ կոշիկներս։

― Ժամը քանի՞սը կլինի, lo sabes?[14]

― Ոչ։ Ժամացույց չունե՞ս։

― Ունեմ, բայց թիկունքիդ կողմն է մնացել։

― Հանի՛ր։

― Չէ։

― Ուրեմն ուսիս վրայով նայիր։

Ժամը մեկն էր։ Ննջապարկի մթության մեջ ժամացույցի թվահարթակն երևում էր իր ամբողջ պայծառությամբ։

― Ուսս ծակծկում ես ծնոտով։

― Ների՛ր։ Ածելիս չեմ վերցրել։

― Ինձ դուր է գալիս։ Մորո՞ւքդ էլ է խարտյաշ։

― Այո։

― Կերկարի՞։

― Մինչև կամրջի պայթեցումը՝ ոչ։ Մարիա, ասա։ Դու․․․

― Ես ի՞նչ։

― Ուզո՞ւմ ես։

― Այո։ Ամեն, ամեն ինչ։ Խնդրում եմ։ Եվ եթե մենք ամեն ինչ անենք, գուցե այնպես լինի, կարծես այն մեկը չի եղել։

― Դա քո՞ միտքն է։

― Ոչ։ Ես մտածում էի այդ մասին, Պիլարն ինձ այդպես ասաց։

― Նա շատ իմաստուն կին է։

― Մի բան էլ ասաց Պիլարը, ― ցածր ձայնով շարունակեց Մարիան, ― ասաց ասեմ, որ հիվանդ չեմ։ Պիլարն այդ բաները գիտի, և ասաց, որ ասեմ քեզ։

― Ասաց, որ ի՞նձ ասես։

― Այո։ Ես նրա հետ խոսեցի, ասացի, որ սիրում եմ քեզ։ Այսօր, հենց որ տեսա, ես սիրեցի քեզ, և ես քեզ սիրել եմ միշտ, բայց մինչև հիմա չէի տեսել, ես ասացի Պիլարին, և նա ասաց, որ եթե երբևէ քեզ պատմեմ այն բանի մասին, ասեմ, որ հիվանդ չեմ։ Իսկ այն մեկը շատ վաղուց է ասել։ Գնացքից անմիջապես հետո։

― Ի՞նչ է ասել։

― Ասել է, որ եթե մարդը չի ընդունել այն, ինչ արել են նրան, ուրեմն ոչինչ չի եղել նրան, և եթե ես սիրեմ մեկին, այդ սերը կսրբի֊կտանի ամեն ինչ։ Իսկ ես ուզում էի մեռնել։ Հասկանո՞ւմ ես։

― Այդ ամենը, ինչ ասել է, ճշմարիտ է։

― Եվ ես հիմա երջանիկ եմ, որ չմեռա։ Այնքան բախտավոր եմ, որ չմեռա։ Իսկ դու ինձ կսիրե՞ս։

― Այո։ Ես քեզ սիրում եմ, հենց հիմա։

― Եվ ես կդառնա՞մ քո կինը։

― Ես չեմ կարող կին ունենալ, քանի այս գործն եմ անում։ Բայց դու հիմա իմ կինն ես։

― Եթե ես հիմա քո կինն եմ, ուրեմն հետո էլ կլինեմ։ Ես հիմա քո կի՞նն եմ։

― Այո՛, Մարիա՛։ Այո՛, փոքրիկ նապաստակ։

Աղջիկն ամուր փարվեց Ռոբերտ Ջորդանին, և շրթները փնտրեցին նրա շրթները, հետո գտան, հպվեցին, և տղամարդն զգաց աղջկան՝ թարմ դալար ու ողորկ, ու երիտասարդ, ու գեղեցիկ, տաք, այրող սառնությամբ աղջկան, որ դժվար էր հավատալ, թե այդտեղ է, ննջապարկում, որն իր համար նույնքան հարազատ էր ու սովորական, ինչքան իր հագուստը, կոշիկները, գործը։

― Դե շուտ անենք այն, որպեսզի այն մյուսը չքանա, ― վախվորելով ասաց աղջիկը։

― Ուզո՞ւմ ես։

― Այո՛, ― ասաց նա համարյա մոլեգնած։ ― Այո՛։ Այո՛։ Այո՛։

Գլուխ ութերորդ

Ցուրտ գիշեր էր, և Ռոբերտ Ջորդանը խոր քնել էր։ Մի անգամ արթնացավ, և երբ ձգվեց, զգաց, որ կողքին կծիկ դարձած քնել էր աղջիկը և թեթև համաչափ շնչում էր։ Գլուխը դուրս հանեց, աստղալից գիշերը սուր ու սառնաշունչ էր, պաղ օդը լցվեց ռունգերը։ Ետ քաշվեց, ներսում տաք էր, համբուրեց աղջկա ողորկ ուսը։ Աղջիկը չարթնացավ։ Շրջվեց մյուս կողքին և նորից գլուխը դուրս հանեց ննջապարկից, հետո մի պահ պառկեց այդպես և ըմբոխշնեց ցնցող հոգնության երկարող հաճույքն ու երկուսի մարմինների հպումից առաջացող վայելքի զգացողությունը, հետո ոտքերը ձգեց և նորից խոր քուն մտավ։

Արթնացավ լուսաբացի առաջին շողերի հետ։ Աղջիկը գնացել էր։ Նա այդ մասին իմացավ, երբ արթնացավ ու ձեռքը տարավ այնտեղ, ուր աղջիկն էր պառկել։ Տեղը տաք էր։ Նայեց քարայրի մուտքին, տապճակը եղյամով էր պատված, ժայռի ճեղքից ծուխ էր բարձրանում, ուրեմն օջախը վառել էին։

Անտառից մի մարդ դուրս եկավ, ծածկոցը պոնչոյի նման գլխին էր քաշել։ Ռոբերտ Ջորդանը ճանաչեց՝ Պաբլոն էր, սիգարետ էր ծխում։ Երևի ներքևում է եղել, ձիերին է ցանկապատի մեջ առել։

Պաբլոն մուտքի ծածկոցը քաշեց և առանց Ռոբերտ Ջորդանի կողմը նայելու մտավ քարայր։

Ռոբերտ Ջորդանը ձեռքը դուրս հանեց և շոշափեց ննջապարկը։ Հնգամյա իր ննջապարկի բծավոր, կանաչավուն, պարաշյուտի մետաքսից կարված երեսին եղյամ էր նստել։ Ձեռքը նորից ներս քաշեց։ Bueno,[15] ասաց ինքն իրեն, զգալով ֆլանելի հարազատ փաղաքշանքը։ Հետո ոտքերը լայն տարածեց ննջապարկում, նորից մոտեցրեց իրար, և շրջվեց դեպի արևմուտք, որպեսզի արևը չընկնի երեսին։ Que mas da,[16] մի քիչ էլ կարելի է քնել։

Արթնացավ ինքնաթիռների շարժիչների աղմուկից։ Մեջքի վրա պառկած նա տեսավ շատ փոքր, պսպղուն և արագընթաց ֆաշիստական երեք պարեկող «Ֆիատ», որ թռչում էին այն ուղղությամբ, որտեղից ինքն ու Անսելմոն էին եկել երեկ։ Երեքն անցան, հետո եկան ևս ինը ինքնաթիռ, եռյակներ կազմած, նրանք թռչում էին ավելի բարձրից և ավելի փոքր էին թվում։

Պաբլոն ու գնչուն կանգնել էին քարայրի մուտքի մոտ, ստվերում, և հայացքներն ուղղել էին երկինք։ Ռոբերտ Ջորդանն անշարժ պառկել էր։ Երկինքն հիմա լցված էր շարժիչների ոռնոցով։ Հազար ոտնաչափ բարձրության վրա հայտնվեցին երեք «Հայնքել֊111» երկշարժիչ ռմբակոծիչներ։

Ռոբերտ Ջորդանի գլուխը ժայռի ստվերում էր, նա գիտեր, որ վերևից չեն տեսնի իրեն, թե տեսնեն էլ, նշանակություն չունի։ Նրանք կարող են նկատել նաև ցանկապատված ձիերին, եթե այս վայրերն են հետախուզում, ինչ֊որ բան են փնտրում, կարող են տեսնել, բայց կարող են մտածել նաև, որ իրենց հեծելազորի ձիերն են։ Հիմա արդեն ավելի ուժեղ մի որոտ լսվեց և «Հայնքել111֊երի» մի նոր եռյակ երևաց, թռչում էին աներեր, անշեղ, թռչում էին ավելի ցածրից, մարտական անսասան շարքով, նրանց ոռնոցը crescheno-ով ուժգնացավ, հասավ բացարձակ աղմուկի և ապա հետզհետե նվազեց, երբ ինքնաթիռներն անցան֊գնացին բացատի վրայից։

Ռոբերտ Ջորդանը բացեց իր հագուստների ծրարը, որ գիշերը բարձի տեղ էր ծառայել, և սկսեց հագնել վերնաշապիկը։ Դեռ չէր հասցրել գլուխը մտցնել շապիկի մեջ, որ երկինքը լցվեց նոր ինքնաթիռների աղմուկով։ Առանց ննջապարկից դուրս գալու հագավ շալվարը և անշարժ պառկած մնաց, մինչև որ երկշարժիչ «Հայնքելներն» հեռացան։ Ռմբակոծիչները լեռան թիկունքը դեռ չէին անցել, իսկ Ռոբերտ Ջորդանը արդեն հասցրել էր ատրճանակը կապել մեջքին, ննջապարկն հավաքել ու տեղավորել ժայռի առաջ։ Հիմա նա նստել էր, հենվել ժայռին ու կոշիկների կապերն էր ամրացնում։ Եվ նորից մի դզզոց լսվեց, որն ուժգնացավ, դարձավ ահռելի մի ոռնոց, ավելի ուժեղ, քան նախորդները, և «Հայնքել» մակնիշի ինը թեթև ռմբակոծիչներ շարասյուն կազմած ճեղքեցին երկինքը։

Ռոբերտ Ջորդանը ծառերի կողքով սահեց ու գնաց դեպի քարայրի մուտքը, որտեղ եղբայրներից մեկը, Պաբլոն, գնչուն, Անսելմոն, Ագուստինն ու կինը կանգնել էին ու դուրս էին նայում։

― Առա՞ջ էլ էին այստեղ այսպես ինքնաթիռներ լինում, ― հարցրեց նա։

― Երբեք, ― ասաց Պաբլոն։ ― Ներս անցիր։ Կտեսնեն։

Արևը դեռ չէր ընկել քարայրի մուտքին, դեռ միայն մարգագետինն ու առվակն էին փայլփլում լույսի շողերի տակ։ Ռոբերտ Ջորդանն համոզված էր, որ ծառերի և հսկա ժայռերի վաղ առավոտյան ստվերի տակ իրենց ոչ մի կերպ չեն տեսնի, բայց որպեսզի նրանց չգրգռի, ներս անցավ։

― Շատ են, ― ասաց կինը։

― Դեռ ավելի շատ կլինեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Որտեղի՞ց գիտես, ― կասկածանքով հարցրեց Պաբլոն։

― Սրանց ետևից կործանիչներ կթռչեն։

Հեն այդ պահին լսեցին ինքնաթիռների շուրջ հինգ հազար ոտնաչափից եկող միալար կաղկանձը։ Ռոբերտ Ջորդանը հաշվեց՝ տասնհինգ «Ֆիատ» էին, որ վայրի սագերի երամներին նմանող սեպաձև եռյակներ էին կազմել։

Քարայրի մուտքում կանգնած մարդկանց դեմքերը շատ մտահոգ էին։

― Այսքան շատ ինքնաթիռ դուք չեք տեսել, հա՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Երբեք, ― ասաց Պաբլոն։

― Սեգովիայում այսքան շատ չկա՞։

― Երբեք այսպիսի բան չի եղել, սովորաբար երեք հատ է լինում։ Պատահում է՝ վեց կործանիչ։ Լինում է նաև երեքշարժիչանի երեք «Յունկերս», դրանց հետ էլ մի այդքան կործանիչ։ Բայց միանգամից այսքան ինքնաթիռ՝ երբեք չի եղել։

Լավ նշան չէ, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Վատ է։ Իսկապես վատ է։ Այսքան ինքնաթիռ որ կենտրոնացրել են այստեղ, վատ նշան է։ Տեսնես արդեն թափո՞ւմ են ռումբերը։ Բայց ոչ, զորքերը դեռ մոտեցած չեն լինի հարձակումն սկսելու համար։ Չէին հասցնի։ Իհարկե հասցրած չեն լինի, գուցե այս գիշեր հասցնեն, ավելի հավանական է վաղը։ Իսկ հիմա հաստատ ոչ մի շարժում չկա։

Հեռացող ոռնոցը դեռ լսվում էր։ Նայեց ժամացույցին։ Հիմա նրանք անցել են ռազմաճակատը, առաջին ինքնաթիռները հաստատ անցել են։ Նա սեղմեց վայրկենաչափի գլխիկը և հետևեց թվահարթակի վրա շարժվող սլաքին։ Ոչ, երևի դեռ ոչ։ Ա՛յ, հիմա։ Այո։ Հիմա անպայման։ «111»֊երը ժամում կտրում են երկու հարյուր հիսուն մղոն։ Այստեղից նրանք կհասնեն այնտեղ հինգ րոպեում։ Նրանք հիմա անցել են կիրճը և թռչում են վաղորդյան Կաստիլիայի վրայով, որն այս պահին դեղին է ու շիկագույն, համատարած դեղինը հատվում է սպիտակ ճամփաներով, գյուղակներն են բծերի նման սփռված այս ու այնտեղ, և «Հայնքելների» ստվերները շարժվում են դեղինի վրայով, ինչպես շնաձկներինը օվկիանոսի ավազոտ հատակին։

Ռումբերի բոմ֊բոմներ չէին լսվում։ Ժամացույցն էր միայն տկտկում։

Կոլմենար են գնում, Էսկորիալ կամ էլ Մանսանարես Էլ Ռեալի օդանավակայանն են թռչում, մտածեց նա, այնտեղ, ուր լճի ափին հին ամրոցն է բարձրանում և եղեգների արանքում վայրի բադեր են լողում, իսկ մի քիչ այն կողմ, իսկական օդանավակայանի կողքին խաբուսիկ օդանավակայանն է՝ կեղծ և անփութորեն թաքցված ինքնաթիռներով, որոնց պրոպելլերները անընդհատ պտտվում են քամուց։ Այնտեղ են գնում։ Հաստատ։ Հարձակման մասին չեն կարող իմացած լինել, ասաց ինքն իրեն, բայց անմիջապես էլ հարց տվեց՝ ինչո՞ւ չեն կարող։ Չէ՞ որ բոլոր հարձակումների մասին էլ նախօրոք իմացել են։

― Ի՞նչ ես կարծում, ձիերին նկատեցի՞ն, ― հարցրեց Պաբլոն։

― Նրանց փնտրածը ձիերը չեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Բայց նկատեցի՞ն։

― Եթե հանձնարարված էր, որ փնտրեն։

― Կարո՞ղ էին նկատել։

― Հավանաբար ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Միայն այն դեպքում, եթե արևն ընկած լիներ ծառերի վրա։

― Արևը հենց լուսաբացից ծառերի վրա է, ― խղճալի ձայնով ասաց Պաբլոն։

― Ինձ թվում է, որ նրանք ավելի կարևոր գործեր ունեն, քան ձի փնտրելը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Արդեն ութ րոպե էր անցել այն պահից, որ սեղմել էր վայրկենաչափի գլխիկը, բայց դեռ ռմբակոծման ձայն չէր հասել։

― Ի՞նչ ես անում այդ ժամացույցով, ― հարցրեց կինը։

― Ուզում եմ իմանալ, թե ուր թռան։

― Օ՜, ― ասաց կինը։

Երբ տասը րոպեն անցավ, նա հայացքը կտրեց ժամացույցից։ Գիտեր, որ ռմբակոծման ձայնն այլևս չէր հասնի, եթե նույնիսկ մի րոպե գցեր ձայնի կտրելիք ճանապարհի համար։

― Քեզ հետ խոսելու բան ունեմ, ― ասաց Անսելմոյին։

Անսելմոն դուրս եկավ քարայրի մուտքից, մի քիչ քայլեցին և կանգ առան մի սոճու տակ։

― Que tal? ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Ո՞նց ես։

― Լավ։

― Հաց կերե՞լ ես։

― Ոչ։ Ոչ մեկն էլ չի կերել։

― Ուրեմն կեր, բացի այդ էլ մի բան վերցրու, որ կեսօրին ուտես։ Ես ուզում եմ, որ դու գնաս և հետևես, թե ինչ է կատարվում ճանապարհի վրա։ Նշիր, թե ինչեր են անցնում ճանապարհով, թե դեպի վերև, թե ներքև։

― Ես գրել չգիտեմ։

― Դրա կարիքը չկա։ ― Ռոբերտ Ջորդանը նոթատետրից երկու թերթ պոկեց, դանակով մատիտի ծայրից մի մատնաչափ կտրեց։ ― Վերցրո՛ւ, ― ասաց, հետո տանկանման մի բան գծեց։ ― Սա քեզ տանկ։ Ամեն անգամ որ տանկ անցնի, սրա տակը մի գծիկ քաշիր, երբ հինգերորդ տանկն անցնի, դրանց վրայով լայնակի հինգերորդ գիծը կքաշես։

― Մենք էլ ենք այդպես հաշվում։

― Դե լավ է։ Իսկ բեռնատարներն այսպես կնշես՝ երկու անիվ ու մի տուփ։ Եթե դատարկ են, տակը շրջանակ ես գծում, եթե վրան զինվորներ կան, ուղիղ գիծ քաշիր։ Բոլոր հրանոթները կնշես։ Մեծերն այսպես, փոքրերն՝ այսպես։ Սա էլ մարդատար մեքենաների նշանը։ Այս էլ՝ սանիտարական, երկու անիվ ու մի տուփ, վրան՝ խաչ։ Նշում ես հետևակը ըստ վաշտերի, այսպես տեսնո՞ւմ ես։ Մի փոքրիկ շրջանակ, կողքին նշանը։ Հեծելազորի նշանը սա է, տեսնո՞ւմ ես։ Ձիու նման։ Մի տուփ, չորս ոտք։ Սա քսանհինգանոց ջոկատ է։ Հասկացա՞ր։ Ամեն ջոկատի տակ մի գիծ կքաշես։

― Այո։ Հնարամիտ է։

― Հիմա, ― ասաց նա ու երկու մեծ անիվ գծեց, հետո դրանք առավ երկրորդ շրջանակի մեջ և հրանոթի փող պատկերող մի գիծ քաշեց։ ― Սրանք հակատանկային հրանոթներ են, ռետինե դողերով։ Նշի՛ր։ Իսկ սրանք զենիթային են։ ― Երկու անիվ գծեց ու վերև ցցված մի փող։ ― Սրանք էլ նշիր։ Հասկացա՞ր։ Այսպիսի հրանոթներ տեսե՞լ ես։

― Այո, ― ասաց Անսելմոն։ ― Իհարկե տեսել եմ։ Պարզ է։

― Գնչուին վերցրու հետդ, թող տեղդ իմանա, որպեսզի գա իմաց տա, որ վերադառնաս։ Ապահով տեղ կընտրես, շատ մոտ չգնաս, բայց այնպիսի տեղ լինի, որ ամեն ինչ լավ երևա, նաև հանգիստ լինի։ Կմնաս մինչև որ ետ կանչեմ։

― Հասկացա։

― Դե լավ։ Երբ վերադառնաս, ես կիմանամ, թե ինչեր են անցել ճանապարհով։ Ուրեմն այն մի թերթի վրա նշում ես վերև գնացողներին, մյուսի վրա՝ ներքև շարժվողներին։

Գնացին դեպի քարայր։

― Ռաֆայելին ուղարկիր մոտս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մնաց ծառի կողքին։ Անսելմոն մտավ քարայր և ծածկոցը փակեց նրա վրա։ Ձեռքով սրբելով բերանը՝ քարայրից դուրս թռավ գնչուն։

― Que tal? ― ասաց գնչուն։ ― Գիշերը լավ զվարճացա՞ր։

― Ես քնել եմ։

― Ավելի լավ, ― ասաց գնչուն ու քմծիծաղեց։ ― Սիգարետ ունե՞ս։

― Լսիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և սկսեց շոշափելով սիգարետ փնտրել գրպաններում։ ― Ես ուզում եմ, որ դու Անսելմոյի հետ գնաս և իմանաս այն տեղը, որտեղից որ նա հետևելու է ճանապարհին։ Դու նրան թող այնտեղ ու վերադարձիր, բայց տեղը լավ հիշիր, որպեսզի հետո, երբ պետք լինի ինձ կամ մեկ ուրիշին, ուղեկցես։ Բացի այդ, այսօր կգնաս սղոցարանը կստուգես, տես փոփոխություններ եղել են թե ոչ պահակակետերում։

― Ի՞նչ փոփոխություն։

― Հիմա քանի՞ հոգի կա այնտեղ։

― Ութ։ Վերջին անգամ որ ստուգեցի, այդքան էր։

― Կնայես, կիմանաս, թե հիմա քանի հոգի են։ Տես թե քանի ժամը մեկ են ժամապահներին փոխում կամրջի վրա։

― Ժամացույց չունեմ։

― Վերցրու իմը։ ― Արձակեց ժամացույցի ճարմանդը։

― Այ թե ժամացույց է, ― հիացմունքով ասաց Ռաֆայելը։ ― Ինչ ասես կա վրան։ Սա կարող է կարդալ էլ, գրել էլ։ Այս ինչքա՜ն թվեր կան։ Սրանից դենը ժամացույց չի կարող լինել։

― Խաղ մի արա հետը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ժամը կարո՞ղ ես որոշել։

― Ինչո՞ւ չէ։ Ցերեկվա ժամը տասներկուսին սովածանում ես։ Գիշերվա ժամը տասներկուսին քնում ես։ Առավոտյան ժամը վեցին սովածանում ես։ Երեկոյան ժամը վեցին խմում ես, եթե բախտդ բերեց։ Երեկոյան ժամը տասին․․․

― Ձենդ կտրի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Խեղկատակության կարիք չկա։ Ես ուզում եմ, որ դու ստուգես նաև մեծ կամրջի ու ճանապարհի պահակակետերի ժամապահների հերթափոխությունը։

― Շատ եղավ, ― ասաց գնչուն։ ― Ավելի լավ կլիներ, եթե մի ուրիշին ուղարկեիր։

― Ո՛չ, Ռաֆայել։ Սա շատ կարևոր գործ է։ Դո՛ւ պետք է անես և պետք է շատ զգույշ անես, պիտի աշխատես ոչ մեկի աչքով չընկնել։

― Ես էլ եմ կարծում, որ ոչ մեկի աչքով պետք չէ ընկնեմ, ― ասաց գնչուն։ ― Իսկ ինչո՞ւ ես զգուշացնում, որ ոչ մեկի աչքով չընկնեմ։ Չլինի՞ մտածում ես, թե ուզում եմ սպանվել։

― Մի քիչ լուրջ եղիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Սա լուրջ գործ է։

― Ասում ես լո՞ւրջ լինեմ։ Եվ այն բանից հետո՞, ինչ դու արեցիր երեկ գիշեր։ Երբ պետք է մեկին սպանեիր, փոխարենն արեցիր այն, ինչ արեցիր։ Դու պետք է մի հոգու սպանեիր և ոչ թե մի հոգու կյանք տայիր։ Ասում ես լուրջ եղիր։ Իսկ դու չտեսա՞ր երկնքով մեկ լցված ինքնաթիռները, որ շուտով մեզ էլ են սպանելու, մեր պապերին էլ, ապուպապերին էլ, չծնված թոռներին էլ, դրանց հետ նաև կատուներին, այծերին, փայտոջիլներին։ Տեսար, չէ՞, ինքնաթիռները, դրանց ձայնից մոր կաթը կրծքի մեջ կտրվում է, ոնց էր երկինքը խավարել, ոնց էին առյուծի պես մռնչում, իսկ դու ինձ ասում ես լուրջ եղիր։ Հենց այդ է, որ ես շատ լուրջ եմ։

― Հիանալի է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ծիծաղեց ու ձեռքը դրեց գնչուի ուսին։ ― Դա արդեն շատ լուրջ է։ Այդքան կարիք չկա։ Նախաճաշդ վերջացրու ու գնա։

― Իսկ դո՞ւ, ― հարցրեց գնչուն։ ― Դու ի՞նչ ես անելու։

― Գնալու եմ Էլ Սորդոյի մոտ։

― Այսօրվա ինքնաթիռներից հետո երևի այս տեղերում մարդ չգտնես, ― ասաց գնչուն։ ― Առավոտյան որ դրանք անցան, շատերի վրա քրտինքը տվեց։

― Դրանք ավելի կարևոր գործերով են զբաղվում, դրանց պարտիզաններ որսալու չեն ուղարկում։

― Այո, ― ասաց գնչուն։ Հետո տարուբերեց գլուխը։ ― Բայց եթե այդ գործն էլ անե՞ն։

― Que va, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դրանք գերմանական ամենալավ թեթև ռմբակոծիչներն են։ Դրանց գնչու որսալու չեն ուղարկի։

― Ես վախից չորացա, ― ասաց Ռաֆայելը։ ― Ես դրանցից վախենում եմ, հա՛, վախենում եմ։

― Նրանք գնացին օդանավակայանը ռմբակոծելու, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, երբ քարայր մտան։ ― Այո, հաստատ այնտեղ գնացին։

― Այդ ի՞նչ ես ասում, ― հարցրեց Պաբլոյի կինն ու սուրճը լցնելով բաժակի մեջ՝ խտացրած կաթի տուփի հետ մեկնեց Ռոբերտ Ջորդանին։

― Կա՞թ էլ կա։ Ա՜յ շքեղություն։

― Ամեն ինչ էլ կա, ― ասաց կինը։ ― Ինքնաթիռներից հետո սարսափ էլ կա։ Ասացիր ո՞ւր գնացին։

Ռոբերտ Ջորդանը խտացրաց կաթ լցրեց բաժակի մեջ, տուփի կողքերի մնացուկը սրբեց բաժակի եզրով և սկսեց խառնել սուրճը, որը բաց շագանակագույն դարձավ։

― Ես կարծում եմ, որ գնացին մի օդանավակայան ռմբակոծելու։ Կարող են նաև Էսկորիալ կամ Կալմենար գնացած լինել։ Գուցե երեք տեղն էլ։

― Թող ուր գնում են գնան, միայն թե մեզնից հեռու մնան, ― ասաց Պաբլոն։

― Իսկ ինչո՞ւ են հիմա այս կողմերում հայտնվել, ― հարցրեց կինը։ ― Ի՞նչն է դրանց այստեղ բերել։ Այսպիսի ինքնաթիռներ երբեք չէի տեսել։ Այն էլ այսքան շատ։ Հարձակմա՞ն են պատրաստվում։

― Երեկ գիշեր ճանապարհի վրա զորքերի տեղաշարժ կա՞ր, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ Աղջիկը՝ Մարիան, կիպ կանգնել էր կողքին, բայց նա աղջկան չէր նայում։

― Լսիր, Ֆերնանդո, ― ասաց կինը, ― դու երեկ գիշեր Լա Գրանխայում էիր, զորքերի տեղաշարժ նկատեցի՞ր։

― Ոչ մի, ― պատասխանեց կարճահասակ, բաց դեմքով, մոտ երեսունհինգ տարեկան, աչքի մեկը շիլ մի մարդ, որին Ռոբերտ Ջորդանը նոր էր տեսնում։ ― Մի քանի բեռնատար եմ տեսել, սովորականի պես։ Մի քանի բեռնատար մեքենա։ Քանի դեռ այնտեղ էի, զորքերի տեղաշարժ չկար։

― Դու ամեն գիշե՞ր ես Լա Գրանխա գնում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Կամ ես եմ գնում, կամ մեկ ուրիշը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Միշտ էլ մեկնումեկը գնում է։

― Գնում են նորություններ իմանալու։ Ծխախոտ են բերում, մանր֊մունր բաներ, ― ասաց կինը։

― Մերոնցից կա՞ն այնտեղ։

― Կան։ Ինչո՞ւ չէ։ Էլեկտրակայանի բանվորները։ Ուրիշներ էլ։

― Իսկ ի՞նչ նորություն կա։

― Pues nada: Ոչ մի։ Հյուսիսում գործերը վատ են։ Դա նորություն չէ։ Այնտեղ միշտ էլ վատ են եղել, հենց առաջին օրվանից։

― Սեգովիայի մասին որևէ բան լսե՞լ ես։

― Չէ, hombre,[17] ոչ էլ հարցրել եմ։

― Սեգովիա՞ էլ ես գնում։

― Պատահում է, ― ասաց Ֆերնանդոն։ ― Բայց այնտեղ վտանգավոր է։ Պարեկներն ամեն քայլափոխի փաստաթուղթ են հարցնում։

― Այնտեղի օդանավակայանին ծանո՞թ ես։

― Չէ, hombre: Գիտեմ, թե որտեղ է, բայց մոտիկ չեմ գնացել։ Այնտեղ փաստաթղթեղթերի ստուգումը շատ խիստ է։

― Երեկ գիշեր այս ինքնաթիռների մասին ոչինչ չէի՞ն խոսում։

― Լա Գրանխայո՞ւմ։ Ոչ մի խոսք։ Բայց այս գիշեր կխոսեն։ Խոսում էին Քեյփո դե Լիանոյի ճառի մասին, ռադիոյով հաղորդել են։ Ուրիշ ոչինչ։ Ախ հա՜։ Խոսում էին, թե իբր Հանրապետությունը հարձակման է պատրաստվում։

― Ի՞նչ։

― Հանրապետությունը հարձակման է պատրաստվում։

― Որտե՞ղ։

― Հաստատ չգիտեին։ Գուցե այստեղ։ Գուցե Սիեռայի, մի ուրիշ մասում։ Դու լսե՞լ ես այդ մասին։

― Դա Լա Գրանխայո՞ւմ էին խոսում։

― Այո, hombre: Ես դա մոռացել էի։ Դե միշտ էլ խոսել են հարձակումների մասին։

― Որտեղի՞ց են այդ լուրերը հասնում։

― Որտեղի՞ց։ Տարբեր մարդկանցից, Սեգովիայի ու Ավիլայի սրճարաններում սպաները նստած խոսում են, մատուցողները ականջ են դնում։ Եվ լուրը գնաց, տարածվեց։ Ահա, այս արդեն քանի ժամանակ է, խոսում են, որ Հանրապետությունը պատրաստվում է հարձակման այս վայրերում։

― Հանրապետությո՞ւնը թե՝ ֆաշիստները։

― Հանրապետությունը։ Եթե ֆաշիստները պատրաստվեին, դա արդեն հաստատ կիմանային բոլորը։ Ոչ, ֆաշիստները չեն։ Եվ ասում են մեծ հարձակում է լինելու։ Ոմանք ասում են նույնիսկ, որ երկուսն է լինելու։ Մեկը այստեղ, մեկը՝ Ալտո դել Լեոնից այն կողմ, Էսկորիայի մոտ։ Դու դրա մասին որևէ բան լսե՞լ ես։

― Ուրիշ ի՞նչ ես լսել։

― Nada hombre: Ոչինչ։ Ախ հա՜։ Ասում էին, որ երբ հարձակումն սկսվի, հանրապետականները փորձելու են կամուրջները պայթեցնել։ Բայց կամուրջները պաշտպանված են։

― Չե՞ս կատակում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ սուրճը կուլ տալով։

― Ոչ, hombre, ― ասաց Ֆերնանդոն։

― Սա չի կատակում, ― ասաց կինը։ ― Ուր էր, թե կատակեր։

― Ուրեմն այդպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շնորհակալություն նորությունների համար։ Ուրիշ ոչինչ չե՞ս լսել։

― Ոչ։ Էլի, սովորականի պես, ասում են, թե արդեն Վալլադոլիդից զորքը ճամփա է ընկել։ Բայց այդ խոսակցությունները միշտ էլ եղել են։ Կարևորություն պետք չէ տալ դրանց։

― Ո՞նց ես, ― համարյա չարախնդալով ասաց Պաբլոյի կինը Պաբլոյին։ ― Այս էլ քո զրույցները ապահովության մասին։

Պաբլոն մտախոհ նայեց նրան ու քորեց ծնոտը։

― Դու ո՞նց ես, ― ասաց նա։ ― Այդ էլ քո կամուրջները։

― Ի՞նչ կամուրջներ, ― ուրախ հարցրեց Ֆերնանդոն։

― Ապո՛ւշ, ― ասաց կինը նրան։ ― Հաստագլո՛ւխ։ Tonto:[18] Վերցրո՛ւ, մի բաժակ սուրճ խմիր, հիշիր՝ է՞լ ինչ նորություններ ես լսել։

― Ինչո՞ւ ես բարկանում, Պիլար, ― հանգիստ և ուրախ ասաց Ֆերնանդոն։ ― Լուրեր են, էլի, ի՞նչ եք հուզվում։ Ինչ որ հիշում էի, բոլորը պատմեցի քեզ ու այս ընկերոջը։

― Ուրիշ ոչ մի բան չե՞ս հիշում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ոչ, ― ասաց Ֆերնանդոն արժանապատվությամբ։ ― Դեռ բախտավորություն է, որ այսքանն էլ հիշեցի, որովհետև դրանք ասեկոսներ են, իսկ ես երբեք դրանց վրա ուշադրություն չեմ դարձնում։

― Նշանակում է ուրիշ բաներ էլ էին խոսում։

― Այո։ Հնարավոր է։ Բայց ես ուշադրություն չեմ դարձրել։ Այս մի տարի է, ասեկոսեից բացի ուրիշ բան չեմ լսել։

Ռոբերտ Ջորդանը լսեց իր թիկունքում կանգնած Մարիայի փռթկոցը։

― Ֆերնանդո, մի ասեկոսե էլ պատմիր, ― ասաց աղջիկը, և ուսերը նորից ցնցվեցին։

― Հիշեի էլ չէի պատմի, ― ասաց Ֆերնանդոն։ ― Մարդու արժանապատվությունից ցածր բան է ասեկոսեներ լսելն ու դրանց կարևորություն տալը։

― Եվ սա Հանրապետություն է փրկելու, ― ասաց կինը։

― Չէ։ Դու ես փրկելու կամուրջներ պայթեցնելով, ― ասաց Պաբլոն։

― Դուք գնացեք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին ու Ռաֆայելին։ ― Եթե արդեն նախաճաշել եք։

― Հիմա, ― ասաց ծերունին, և երկուսն էլ վեր կեցան։ Ռոբերտ Ջորդանն զգաց, որ մեկը ձեռքը դրել է իր ուսին։ Մարիան էր։

― Դու էլ նախաճաշիր։ Կե՛ր, ― ասաց աղջիկը և ձեռքը պահեց ուսին։ ― Լավ կեր, որպեսզի ստամոքսդ կարողնա դիմանալ նոր ասեկոսեների։

― Ախորժակս փախավ այդ ասեկոսեներից։

― Չէ։ Այդպես չի լինի։ Կե՛ր, քանի դեռ նոր ասեկոսեներ չենք լսել։ ― Աղջիկը պնակը դրեց նրա առաջը։

― Ինչո՞ւ ես ձեռ առնում ինձ, Մարիա, ― ասաց Ֆերնանդոն։ ― Չէ՞ որ մենք լավ բարեկամներ ենք։

― Ձեռ չեմ առնում քեզ, Ֆերնանդո։ Ես նրա հետ եմ կատակում, նա պետք է ուտի, թե չէ սոված կմնա։

― Բոլորս էլ պետք է ուտենք, ― ասաց Ֆերնանդոն։ ― Պիլար, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ հաց չեք դնում։

― Ոչ մի բան, բարեկամս, ոչ մի բան, ― ասաց Պաբլոյի կինն ու Ֆերնանդոյի ամանի մեջ շոգեխաշած միս դրեց։ ― Կե՛ր։ Ուտել դու կարող ես։ Այո, կարող ես։ Կեր։

― Շատ լավն է, Պիլար, ― ասաց Ֆերնանդոն անվրդով արժանապատվությամբ։

― Շնորհակալ եմ, ― ասաց կինը։ ― Դարձյալ ու դարձյալ շնորհակալ եմ։

― Բարկանո՞ւմ ես ինձ վրա, ― հարցրեց Ֆերնանդոն։

― Ոչ, ոչ։ Կե՛ր։ Դու ուտելուդ նայիր, կե՛ր։

― Ուտում եմ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Շնորհակալ եմ։

Ռոբերտ Ջորդանը նայեց Մարիային, աղջիկը նորից սկսեց ծիծաղել ու հայացքը շրջեց։ Ֆերնանդոն անվրդով, կամաց֊կամաց ուտում էր։ Նրա դեմքի հպարտության ու արժանապատվության արտահայտությունը չէին կարողանում աղարտել ո՛չ ձեռքի անճոռնի, հսկա գդալը, ո՛չ բերանի կողքերից ծորացող շոգեխաշած հյութեղ մսի կաթիլները։

― Ճաշը հավանեցի՞ր, ― հարցրեց նրան Պաբլոյի կինը։

― Այո, Պիլար, ― ասաց նա լիքը բերանով։ ― Սովորականի պես է։

Ռոբերտ Ջորդանը թևի վրա զգաց Մարիայի ձեռքը, զգաց մատների հեշտալի սեղմումը։

― Դրա՞ համար ես հավանում, հա՞, ― հարցրեց կինը Ֆերնանդոյին։ ― Հավանում ես, որովհետև սովորականի պես է, ― ասաց նա։ ― Շոգեխաշած միս է, սովորականի պես։ Como siempre: Գործերը վատ են հյուսիսում, սովորականի պես։ Այստեղ հարձակում է սկսվելու, սովորականի պես։ Զորքեր են ուղարկում, որպեսզի մեզ որսան, սովորականի պես։ Քեզ կարելի է որպես հուշարձան կանգնեցնել ու վրադ էլ գրել՝ սովորականի պես։

― Բայց վերջին երկուսը, որ ասացիր, ասեկոսեներ են, Պիլար։

― Իսպանիա՜, ― ողբաձայն կանչեց Պաբլոյի կինը, հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին։ ― Այսպիսի մարդիկ ուրիշ երկրներում էլ տեսնես կա՞ն։

― Իսպանիայի նման երկիր չկա, ― քաղաքավարությամբ ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ճիշտ ես, ― ասաց Ֆերնանդոն։ ― Իսպանիայի նման երկիր աշխարհում չկա։

― Իսկ դու ուրիշ երկիր տեսե՞լ ես, ― հարցրեց կինը։

― Ոչ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ոչ էլ ուզում եմ տեսնել։

― Տեսնում ես, չէ՞, ― ասաց Պաբլոյի կինը Ռոբերտ Ջորդանին։

― Ֆերնանդիտո, ― ասաց Մարիան։ ― Պատմիր, թե ոնց Վալենսիա գնացիր։

― Ինձ դուր չեկավ Վալենսիան։

― Ինչո՞ւ, ― հարցրեց Մարիան և նորից սեղմեց Ռոբերտ Ջորդանի թևը։ ― Ինչո՞ւ դուր չեկավ։

― Անկիրթ մարդիկ են, հետո էլ չէի հասկանում, թե ինչ են խոսում։ Մի գլուխ che[19] են գոռում։

― Իսկ նրանք քեզ հասկանո՞ւմ էին, ― հարցրեց Մարիան։

― Ձևացնում էին, թե իբր չեն հասկանում, ― ասաց Ֆերնանդոն։

― Իսկ դու ի՞նչ էիր անում այնտեղ։

― Ես այնտեղ չմնացի, թողի հեռացա, նույնիսկ ծովը չտեսա, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ժողովուրդը դուրս չեկավ։

― Դե կորի՛ գնա, պառաված օրիորդ, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Գնա՛, թե չէ արդեն սկսեց սիրտս խառնել։ Վալենսիա։ Ես այնտեղ իմ կյանքի լավագույն օրերն եմ ապրել։ Vamos:[20] Վալենսիա։ Չփորձես իմ մոտ Վալենսիայից խոսել։

― Դու ի՞նչ էիր անում այնտեղ, ― հարցրեց նրան Մարիան։

Պաբլոյի կինը վերցրեց մի բաժակ սուրճ, մի կտոր հաց, մի պնակ շոգեխաշած միս ու նստեց սեղանի առաջ։

― Qui?[21] Ի՞նչ էինք անում այնտեղ։ Ես այնտեղ Ֆինիտոյի հետ էի, նա պայմանագիր ուներ, Feria[22]֊յի ընթացքում երեք ցլամարտի պիտի մասնակցեր։ Ես երբեք այդքան ժողովուրդ չեմ տեսել։ Չեմ տեսել, որ սրճարաններն այդպես բերնեբեան լցված լինեն։ Չորս ժամ կանգնում էիր, որպեսզի տեղ ազատվի, նստես։ Տրամվայ հնարավոր չէր բարձրանալ։ Վալենսիա։ Բոլորը ոտի վրա էին, գիշեր ու զօր։

― Բայց դուք, դուք ի՞նչ էիք անում, ― հարցրեց Մարիան։

― Ամեն ինչ, ― ասաց կինը։ ― Գնում էինք ծովափ, մտնում էինք ջուրը, նայում էինք, թե ինչպես են ցուլերը առագաստանավերը ծովից դուրս քաշում։ Այնտեղ այսպիսի բան են անում։ Ցուլերին քշում֊հասցնում են ափից բավական հեռու կանգնած առագաստանավերի մոտ, այնքան, որ ոտները հատակից կտրվում են, հետո լծում են առագաստանավերին ու նրանք սկսում են լող տալ դեպի ափ, մոտենում են, մոտենում, մեկ էլ ոտի տակ ավազ են զգում և օրորվելով նետվում են առաջ։ Նայում ես՝ տասը լուծ ցուլ, առավոտյան, քաշ են տալիս պարզված առագաստներով նավը, իսկ ալիքները թույլ֊թույլ գալիս ու փշրվում են ափին։ Սա է Վալենսիան։

― Նայում էիք ցուլերին, բացի դրանից ուրիշ ի՞նչ էիք անում։

― Ուտում էինք ծովափնյա ավազուտի տաղավարներում։ Կարկանդակներ էինք ուտում, մանր կտրատած ձկան կարկանդակ, կարմիր ու կանաչ տաքդեղով, մանրատած ընկույզով, խմորը փափուկ, շերտ֊շերտ, ձուկը յուղալի, հրաշք մի բան։ Խեցգետին էինք ուտում, թարմ, հենց նոր ծովից հանած խեցգետին, լիմոնը վրան քամած, վարդագույն, անուշ, խոշոր, ամեն մեկը չորս բերան։ Խեցգետին շատ էինք ուտում։ Հետո paella էինք ուտում, տապակած օձաձուկ, բարալիկ, ոնց որ կանաչ լոբի, ծուռումուռ, փուխր, բերանիդ մեջ հալվում է, ծամել էլ պետք չէ։ Ամբողջ օրը գինի էինք խմում, սպիտակ գինի, սառը, թեթև, հաճելի, շիշը երեսուն սանտիմո։ Եվ վերջապես սեխ էինք ուտում, սեխ։ Վալենսիան սեխի հայրենիքն է։

― Կաստիլիայի սեխը ավելի լավ է, ― ասաց Ֆերնանդոն։

― Que va, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Կաստիլիայի սեխը խայտառակություն է, սեխ չէ։ Պիտի ուտես Վալենսիայի սեխը, ամեն մեկը մարդաթև երկարություն, կանաչ, ոնց որ ծովը, կտրելիս այնպես են խշխշում, հյութալի, քաղցր, ավելի քաղցր, քան ամռան առավոտը։ Ա՜խ երբ հիշում եմ այդ մանր օձաձկները, բարալիկ, համեղ, ամանների մեջ կիտված, հետո գարեջուրը, որ խմում էինք կժերով, ջրի սափորների չափսի կժերով, խմում էինք կեսօրից սկսած մինչև իրիկուն, այնքան սառն էին, որ կժերը քրտնում էին։

― Իսկ բացի ուտելուց ու խմելուց, էլ ի՞նչ էիք անում։

― Սեր էինք անում։ Փակվում էինք սենյակում ու սեր էինք անում։ Պատշգամբին նայող փեղկերը փայտյա ձողիկներից էին, դռան վերևի բացվածքից քամին մեղմ փչում էր, իսկ դուռը բացուխուփ էր լինում ծխնիների վրա։ Այդտեղ, փակված պատուհանների ետևում, մթության մեջ, օրը ցերեկով սեր էինք անում։ Սենյակը լցվում էր կողքի ծաղկի շուկայից եկող բույրով, վառոդի հոտով։ Feria֊այի օրերին, ամեն կեսօր հրավառություն էր տեղի ունենում, ամբողջ քաղաքով մեկ, այնպես էին արել, որ քաղաքի բոլոր հրակետերը միմյանց կապված լինեն, տրամվայների կայծերից բռնկվում էին, պայթում էին ահռելի աղմուկով, այնպիսի դղրդյուն էր բարձրանում քաղաքի մի մասից մյուսը, երևակայել իսկ չես կարող։ Եվ մենք սեր էինք անում։ Հարկաբաժնի աղջկան ուղարկում էինք, որպեսզի նորից կժով գարեջուր բերի։ Կիսաբաց դռնից վերցնում էի սառը կուժը ու հպում քնած Ֆինիտոյի մեջքին, իսկ նա թե՝ «Լավ էլի, Պիլար։ Լավ էլի, ա՛յ կնիկ, թող քնեմ»։ Իսկ ես ասում էի․ «Ո՛չ, զարթնի՛ր, խմի՛ր, տես ինչ սառն է», և նա առանց աչքերը բացելու խմում էր ու նորից քնում, իսկ ես ոտների մոտ, մեջքս դեմ արած բարձին, նայում էի թուխ, սևահեր, երիտասարդ Ֆինիտոյին, որ հանգիստ քնել էր, ու խմում էի, խմում էի ամբողջ կուժն ու լսում փողոցով անցնող նվագախմբին։ Իսկ դու, ― ասաց կինը Պաբլոյին, ― դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ բան է, գոնե մի փոքր։

― Մենք էլ քիչ բան չենք արել իրար հետ, ― ասաց Պաբլոն։

― Ճիշտ է, ― ասաց կինը։ ― Այո։ Ժամանակին դու նույնիսկ ավելի տղամարդ էիր, քան Ֆինիտոն։ Բայց մենք քեզ հետ երբեք Վալենսիայի փողոցներով անցնող նվագախմբին չլսեցինք։

― Դա անհնար էր, ― ասաց Պաբլոն։ ― Առիթ չի եղել Վալենսիա գնալու։ Դու դա լավ գիտես, բայց չես ուզում արդար դատել։ Իսկ Ֆինիտոյի հետ դու երբեք և ոչ մի գնացք չես պայթեցրել։

― Ոչ, չեմ պայթեցրել, ― ասաց կինը։ ― Այո, հիմա միայն դա է մնացել մեզ։ Գնացքը։ Այո։ Գնացքը մնում է։ Դրա դեմ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Չնայած քո ողջ ծուլության, անբանության, դա մնում է։ Նախկինում շատ ուրիշ բաներ էլ են եղել։ Չեմ ուզում անարդարացի լինել, բայց Վալենսիայի դեմ էլ ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Լսեցի՞ք։

― Ես չհավանեցի, ― հանգիստ ասաց Ֆերնանդոն։ ― Ինձ դուր չեկավ Վալենսիան։

― Եվ այս բոլորից հետո էլ որպես համառության օրինակ բերում են ջորուն, ― ասաց կինը։ ― Մարիա՛, սեղանը հավաքիր, գնալու ենք․

Այս խոսքերի վրա լսվեց վերադարձող ինքնաթիռների առաջին ձայնը։

Գլուխ իններորդ

Նրանք կանգնել էին քարայրի մուտքում և հայացքով հետևում էին ինքնաթիռներին։ Ռմբակոծիչներն հիմա թռչում էին բարձրից, մեծ արագությամբ, սարսափազդու սլաքներ կազմած ճեղքում էին երկինքն ու լցնում շարժիչների աղմուկով։ Շնաձկների են նման, մտածեց Ռոբերտ Ջորդանը, Գոլֆստրիմի սրաքիթ, լայն լուղակներով շնաձկներին։ Բայց արծաթափայլ լայն լուղակներով, արևի շողերի մեջ թեթևակի մշուշվող պրոպելլերներով, ոռնոցով թռչող այս ինքնաթիռների շարժումը նման էր շնաձկների շարժումին։ Սրանք առհասարակ գոյություն ունեցող ոչ մի բանի պես չեն շարժվում։ Սրանք շարժվում են ճակատագրի նման, մեքենայացված ճակատագրի։

Դու պետք է գրես, ասաց ինքն իրեն։ Գուցե մի օր վերստին սկսես։ Զգաց, որ Մարիան բռնել է թևը։ Նա վերև էր նայում։

― Քեզ ի՞նչ է թվում, ինչի՞ են նման, guapa,[23]

― Չգիտեմ, ― ասաց նա։ ― Մահվան երևի։

― Իսկ ես կարծում եմ, որ պարզապես ինքնաթիռների են նման, ― ասաց Պաբլոյի կինը։ ― Իսկ փոքրերն ո՞ւր մնացին։

― Երևի ուրիշ կողմով են անցել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այս ռմբակոծիչները շատ արագընթաց են, չեն սպասում կործանիչներին։ Ռազմագծից այն կողմ որ անցան, մերոնք այլևս չեն հետապնդում սրանց։ Այնքան ինքնաթիռ չունենք, որ ռիսկի դիմենք։

Հենց այդ պահին «Հայնքել» տիպի երեք կործանիչներ երևացին։ Լայնատարած թևերով, տափակ քթով, անճոռնի խաղալիքների նման եկան դեպի իրենց կողմը, եկան սեպ կազմած, բացատի վրայով, ծառերի կատարներից մի քիչ բարձրով, աճող դղրդյունով, քանի մոտեցան այնքան մեծացան, երևացին իրենց իսկական, սարսափազդու չափսերով ու ոռնոցով հեռացան։ Այնքան ցածրից էին թռչում, որ քարայրի բերանում կանգնածները տեսան կաշվի սաղավարտներով ու ակնոցներով օդաչուներին, տեսան նույնիսկ առաջին ինքնաթիռի օդաչուի ծածանվող շարֆը։

― Սրանք կարող են ձիերին տեսնել, ― ասաց Պաբլոն։

― Սրանք կարող են սիգարետիդ կրակն էլ տեսնել, ― ասաց կինը։ ― Ծածկոցը քաշեք։

Ինքնաթիռներ այլևս չերևացին։ Մյուսները երևի ուրիշ ճամփով էին գնացել։ Աղմուկը դադարել էր։ Բոլորը դուրս եկան քարայրից։

Հիմա երկինքը դատարկ էր և բարձր, և կապույտ, և ջինջ։

― Կարծես գիշերվա երազ լիներ, ― ասաց Մարիան Ռոբերտ Ջորդանին։

Ոչ մի ձայն չկար օդում, չկար նույնիսկ այն թույլ բզզոցը, որը շարունակում է աղմուկից հետո մնալ ականջում, և հիշեցնում է այն ձայնը, որ զգում ես, երբ մատդ մտցնում ես ականջդ, և որը դադարում է, երբ հանում ես մատդ։

― Դրանք երազ չեն, գնա սեղանը հավաքիր, ― ասաց Պիլարը աղջկան։ ― Ի՞նչ ես անում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանին, ― ձիո՞վ ենք գնում, թե՞ ոտով։

Պաբլոն նայեց նրան ու ինչ֊որ բան մռթմռթաց։

― Ոնց կամենաս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Որ այդպես է՝ քայլենք, ― ասաց կինը։ ― Լյարդիս համար քայլելը լավ է։

― Լյարդի համար ձիով գնալն է լավը։

― Ճիշտ ես, բայց հետույքիս համար վատ է։ Կգնանք ոտով, իսկ դու, ― դարձավ Պաբլոյին, ― գնա յաբուներդ հաշվիր, տես չե՞ն թռել֊գնացել որևէ մեկի հետ։

― Ձի չե՞ս ուզում, ― հարցրեց Պաբլոն Ռոբերտ Ջորդանին։

― Ոչ։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ աղջիկն ինչպե՞ս է գալու։

― Թող քայլի, լավ է, ― ասաց Պիլարը, ― թե չէ բոլոր մասերը կոշտուկներով կպատի ու էլ բանի պետք չի գա։

Ռոբերտ Ջորդանը զգաց, որ կարմրում է։

― Լա՞վ ես քնել, ― հարցրեց Պիլարը։ Հետո ասաց․ ― Ոչ մի հիվանդություն չունի։ Եվ իրոք։ Բայց կարող էր լինել։ Չեմ էլ հասկանում, թե ո՞նց չի եղել։ Երևի այնուամենայնիվ դեռևս աստված կա, չնայած մենք ասում ենք չկա։ Դու գնա, ― ասաց Պաբլոյին։ ― Սա քեզ չի վերաբերում։ Սա ավելի ջահել մարդկանց համար է, քեզ համար չէ։ Սա ուրիշ մարդկանց համար է, ուրիշ նյութից շինված մարդկանց։ Դե չքվի՛ր։ ― Հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին։ Ագուստինը կհետևի իրերիդ։ Հենց որ գա, կգնանք։

Պարզ, պայծառ օր էր, արևն արդեն տաքացնում էր։ Ռոբերտ Ջորդանը նայում էր խոշորակազմ, թխադեմ կնոջը, նրա բարի ու միմյանցից հեռու տեղադրված աչքերին, քառակուսի ու վշտալի, կնճռապատ և հաճելիորեն անճոռնի դեմքին։ Աչքերն ուրախ էին, բայց դեմքը տխուր էր, քանի դեռ շրթունքները չէին շարժվում։ Ռոբերտ Ջորդանը նայում էր նրան, հետո նայեց տղամարդուն, որը ծանրաքայլ ու անկիրք ծառերի արանքով շարժվում էր դեպի ձիերի ցանկապատը։ Կինը նույնպես հայացքով հետևում էր Պաբլոյին։

― Սեր արեցի՞ք, ― հարցրեց կինը։

― Աղջիկն ի՞նչ ասաց։

― Նա ինձ ոչինչ չասաց։

― Ես էլ չեմ ասի։

― Ուրեմն արել եք, ― ասաց կինը։ ― Հոգ տար նրան, ինչքան կարող ես։

― Իսկ եթե երեխա ունենա՞։

― Դրանից վնաս չկա, ― ասաց կինը։ ― Դրանից ոչ մի վնաս։

― Սա դրա տեղը չէ։

― Նա այստեղ չի մնալու։ Նա գնալու է քեզ հետ։

― Իսկ ես ո՞ւր եմ գնալու։ Այնտեղ, ուր գնում եմ, ես չեմ կարող հետս կին տանել։

― Ո՞վ գիտի։ Գուցե կարելի է նույնիսկ երկուսը տանել։

― Դա ի՞նչ խոսք է։

― Լսի՛ր, ― ասաց կինը։ ― Ես վախկոտ չեմ, բայց վաղ առավոտյան այս ժամերին այնքան պարզ ու հստակ եմ տեսնում ամեն ինչ, և ահա հիմա ինձ թվում է, որ այսօրվա ապրողներից շատ քչերը միայն մյուս կիրակին կտեսնեն։

― Այսօր ի՞նչ օր է։

― Կիրակի։

― Que va, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կիրակին շատ հեռու է։ Եթե չորեքշաբթին տեսնենք, էլի լավ է։ Բայց ես այսպիսի խոսակցությունները չեմ սիրում։

― Ամեն մարդ կարիք ունի սիրտը մեկին բաց անելու, ― ասաց կինը։ ― Առաջ կրոն կար, ուրիշ անհեթեթություններ կային։ Հիմա յուրաքանչյուր մարդ պետք է ունենա մի մտերիմ, որի հետ կարողանա անկեղծորեն խոսել, որովհետև ինչ արժանիքներ էլ ունենաս, միայնակությունդ զգում ես։

― Մեր մեջ միայնակ մարդիկ չկան։ Մենք բոլորս միասին ենք։

― Այդ մեքենաները տեսնելուց հետո մարդ դժվար է ինքն իրեն գտնում, ― ասաց կինը։ ― Ի՞նչ ենք, ի՞նչ ենք մենք այդ մեքենաների դիմաց։

― Բայց այնուամենայնիվ մենք դրանց խփում֊գցում ենք։

― Լսի՛ր, ― ասաց կինը։ ― Ես բացեցի սիրտս, ասացի իմ ցավերի, մտահոգությունների մասին, բայց դու հանկարծ չմտածես, որ ես կորցնում եմ իմ վճռականությունս։ Վճռականությանս ոչինչ չի պատահել։

― Քեզ տանջող վիշտը կփարատվի, ոնց որ մշուշը, երբ ծագում է արևը։

― Անշուշտ, ― ասաց կինը։ ― Թող լինի այնպես, ինչպես ասում ես։ Երևի այս բոլորի պատճառը այն հիմար հիշողություններն էին, որ պատմում էի Վալենսիայի մասին։ Գուցե այն մարդն էր, որ գնաց ձիերին ստուգելու, գուցե այդ մարդու անկումն էր։ Ես այդ պատմություններն անելով նրան վիրավորեցի։ Շատ ծանր վիրավորեցի։ Նրան կարելի է սպանել։ Նրան կարելի է հայհոյել։ Բայց վիրավորել կարելի չէ։

― Այդ ո՞նց եք իրար գտել։

― Իսկ ո՞նց են մարդիկ իրար գտնում։ Պատերազմի առաջին շրջանում կարգին մարդ էր։ Առաջ էլ կարգին մարդ էր։ Հիմա արդեն կործանված է։ Դատարկ տիկ է։ Խցանը հանել են, գինին հոսել֊գնացել է։

― Նա ինձ դուր չի գալիս։

― Դու էլ նրան դուր չես գալիս, դրա համար, անշուշտ, պատճառ կա։ Այս գիշեր հետը քնեցի։ ― Կինը ժպտաց ու տարուբերեց գլուխը։ ― Yamos a ver,[24] ― ասացի, ― Պաբլո՛ օտարականին ինչո՞ւ չսպանեցիր։

― Լավ տղա է, Պիլար, ― ասաց․ ― Լավ տղա է։

― Հետո՞, ― ասացի, ― հիմա հասկացա՞ր, որ հրամանատարը ես եմ։

― Այո՛, Պիլա՛ր։ Այո՛, ― ասաց։ Ավելի ուշ, գիշերվա մի պահին լսեցի, որ լալիս է։ Արթուն էր, լալիս էր ընհատուն, այլանդակ լացով, ինչպես տղամարդն է լալիս, կարծես ներսից մի գազան ցնցի։

― Ի՞նչ է պատահել, Պաբլո, ― ասացի և ձեռքս գցեցի ու գրկեցի նրան։

― Ոչինչ, Պիլար։ Ոչինչ։

― Ո՛չ։ Ասա՛, ի՞նչ է եղել։

― Մարդիկ, ― ասաց, ― տեսա՞ր ինչպես լքեցին ինձ։

― Այո, բայց չէ՞ որ նրանք ինձ հետ են, ― ասացի, ― իսկ ես քո կինն եմ։

― Պիլար, ― ասաց, ― հիշիր գնացքը։ ― Հետո ասաց․ ― թող աստված քեզ օգնի, Պիլար։

― Ի՞նչ ես աստված, հա աստված, ― ասացի ես։ ― Դա ի՞նչ խոսք է։

― Այո, ― ասաց։ ― Աստված օգնի և Virgen֊ը։[25]

― Que va, աստված և Vիrgen֊ը․ ― ասացի նրան։ ― Դա խո՞սք է, որ ասում ես։

― Վախենում եմ, որ մեռնեմ, Պիլար, ― ասաց։ ― Tendo miedo de morir: Հասկանո՞ւմ ես։

― Որ այդպես է, դուրս արի անկողնից։ Մի անկողինը ինձ, քեզ ու քո վախին տեղ չի անի։ ― Ամաչեց ու լռեց, իսկ ես քնեցի։ ― Չէ, բարեկամս, նա փլատակ է։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չասաց։

― Այսպես, ամբողջ կյանքիս ընթացքում, թախիծն եկել ու մեկ էլ տեսար պատել է ինձ։ Բայց իմը Պաբլոյի թախիծին նման չէ։ Իմ վճռականության վրա դա ոչ մի ձևով չի ազդում։

― Հավատում եմ։

― Գուցե նման է այն բանին, որը կանանց մոտ ժամանակ առ ժամանակ լինում է, ― ասաց նա։ ― Գուցև առհասարակ դատարկ բան է։ ― Լռեց, հետո նորից շարունակեց։ ― Մեծ հույսեր եմ կապել Հանրապետության հետ։ Հավատում եմ Հանրապետությանը, շատ ուժգնորեն եմ հավատում։ Ջերմեռանդորեն եմ հավատում, ոնց որ հավատացյալները հրաշքներին։

― Հավատում եմ քեզ։

― Դո՞ւ ել ես այդպես հավատում։

― Հանրապետությա՞նը։

― Այո։

― Այո, ― ասաց նա, հույս ունենալով, որ ճշմարտությունն է ասում։

― Ուրախ եմ, ― ասաց կինը։ ― Իսկ չե՞ս վախենում։

― Մահից՝ ոչ, ― ասաց առանց երկմտանքի, և դա ճշմարիտ էր։

― Իսկ ինչի՞ց ես վախենում։

― Վախենում եմ, որ չկարողանամ իմ պարտականությունը կատարել այնպես, ինչպես հարկն է։

― Չես վախենում նաև գերի ընկնելո՞ւց, ոնց որ այն մեկը։

― Ո՛չ, ― ասաց անկեղծորեն։ ― Եթե դրանից վախենաս, գլուխդ այնքան զբաղված կլինի, որ էլ ուրիշ գործ չես կարողանա անել։

― Շատ սառնարյուն տղա ես։

― Ո՛չ, ― ասաց նա։ ― Ես այդ կարծիքին չեմ։

― Չէ՛։ Ես գլխիդ մասին եմ։ Շատ սառն է։

― Դա նրանից է, որ միտքս չափից ավելի է զբաղված գործով։

― Իսկ կյանքի բաները չե՞ս սիրում։

― Սիրում եմ։ Շատ եմ սիրում։ Միայն թե գործիս չխանգարեն։

― Խմել սիրում ես։ Գիտեմ։ Տեսա։

― Այո։ Շատ եմ սիրում։ Բայց այնքան, որ չխանգարի գործիս։

― Իսկ կանա՞նց։

― Շատ եմ սիրում, բայց մեծ կարևորություն չեմ տվել։

― Կարևոր բան չեն, հա՞։

― Չէ, ինչու։ Բայց դեռ չի հանդիպել մեկը, որ տակնուվրա աներ ինձ, ինչպես ոմանց։

― Կարծում եմ, որ ստում ես։

― Գուցե, մի քիչ։

― Բայց չէ՞ որ Մարիային սիրեցիր։

― Այո։ Միանգամից ու շատ ուժգին։

― Ես էլ։ Ես էլ շատ եմ սիրում նրան։ Այո։ Շատ ուժգին։

― Ես էլ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և զգաց, որ ձայնը խզվում է։ ― Ես էլ։ Այո։ ― Նրան հաճելի էր այդ բանն ասելը և նա բավական հանդիսավորությամբ ասաց իսպաներեն։ ― Ես նրան շատ ուժգին եմ սիրում։

― Էլ Սորդոյին գնանք֊տեսնենք, հետո Մարիայի հետ քեզ առանձին կթողնեմ։

Ռոբերտ Ջորդանը մի պահ լուռ մնաց։ Հետո ասաց․

― Կարիք չկա։

― Ոչ, բարեկամ։ Կարիք կա։ Քիչ ժամանակ է մնացել։

― Ափիս մե՞ջ ես կարդացել, ― հարցրեց նա։

― Ոչ։ Եվ բավական է հիշես ափիդ հետ կապված այդ անմտությունը։

Կինն ուզում էր մոռանալ դա, նա աշխատում էր հեռու վանել այն ամենը, ինչ կարող էր վնասակար լինել Հանրապետության համար։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չասաց։ Նա նայում էր Մարիային, որ ամաններն էր տեղավորում քարայրում։ Աղջիկը ձեռքերը սրբեց և դարձավ ու ժպտաց նրան։ Աղջիկը չէր լսում, թե ինչ է ասում Պիլարը, բայց երբ ժպտաց Ռոբերտ Ջորդանին, նրա շագանակագույն մաշկը շիկնեց ու ավելի մուգ դարձավ, հետո նորից ժպտաց։

― Ցերեկն էլ կա, ― ասաց կինը։ ― Գիշերը գիշեր, բայց ցերեկն էլ կա։ Պարզ է, այն շքեղությունը չի լինի, ինչ Վալենսիայում էր, ինչ ես տեսա, բայց դե դուք էլ մի քանի վայրի ելակ ու նման բաներ կպոկեք, ― ասաց կինն ու ծիծաղեց։

Ռոբերտ Ջորդանը ձեռքը դրեց նրա լայն ուսին և ասաց․

― Ես քեզ էլ եմ սիրում։ Քեզ էլ շատ ուժգին եմ սիրում։

― Կարգին Դոն Ժուան Տենորիս ես, ― ասաց կինն՝ արդեն շփոթված սիրո դրսևորումից։ ― Սկսվեց, հիմա բոլորին սեր է բացատրվելու։ Ահա, Ագուստինը եկավ։

Ռոբերտ Ջորդանը մտավ քարայր ու գնաց Մարիայի մոտ։ Աղջիկը նայում էր նրան, աչքերը փայլում էին, այտերն ու վիզը նորից շիկնեցին։

― Ողջո՛ւյն, փոքրիկ նապաստակ, ― ասաց ու համբուրեց շրթները։

Աղջիկն ամուր փարվել էր նրան, նայում էր երեսին ու ասում․

― Ողջո՜ւյն։ Ողջո՜ւյն։ Ողջո՜ւյն։

Ֆերնանդոն, որը դեռևս նստած սիգարետ էր ծխում քարայրում, վեր կացավ, տարուբերեց գլուխը, վերցրեց պատին հենած կարաբինն ու դուրս եկավ։

― Շատ անվայել բան է, ― ասաց Պիլարին։ ― Դա ինձ դուր չի գալիս։ Պետք է հետևես աղջկան։

― Հետևում եմ, ― ասաց Պիլարը։ ― Այդ ընկերը նրա novio[26]֊ն է։

― Օ՜, ― ասաց Ֆերնանդոն։ ― Այդ դեպքում, քանի որ նշանված են, ես դա շատ բնական եմ համարում։

― Ուրախ եմ, ― ասաց կինը։

― Ես նույնպես, ― լրջորեն պատասխանեց Ֆերնանդոն։ ― Salud, Պիլար։

― Ո՞ւր ես գնում։

― Վերևի պահակակետը, Պրիմիտիվոյին փոխարինեմ։

― Այդ ո՞ր գրողի ծոցն ես գնում, ― հարցրեց մոտեցող Ագուստինը փոքրամարմին հպարտ մարդուն։

― Գնում եմ պարտականությունս կատարելու, ― ասաց Ֆերնանդոն արժանապատվությամբ։

― Պարտականությունդ, ― հեգնանքով ասաց Ագուստինը։ Հետո դարձավ կնոջը։ ― Որտե՞ղ է այդ ըսենցն ու ընենցը, որ պահպանելու եմ։

― Քարայրում, ― ասաց Պիլարը։ ― Երկու պարկի մեջ են։ Հետո էլ իմացիր՝ հոգնել եմ քո այդ հիշոցներից։

― Հիշոցել եմ քո հոգնությունը, ― ասաց Ագուստինը։

― Դե հա՛ կեղտոտիր բերանդ, ― ասաց Պիլարն առանց տաքանալու։

― Քո մերը, ― շարունակեց Ագուստինը։

― Չես ունեցել, ինչ անեմ, ― ասաց միայն Պիլարը, որովհետև իսպաներենում հայհոյանքները ձևի այնպիսի կատարելության են հասել, որ գործողություն չի արձանագրվում, այն ենթադրվում է։

― Ի՞նչ են անում ներսում, ― հիմա արդեն ցածրաձայն հարցրեց Ագուստինը։

― Ոչինչ, ― ասաց Պիլարը։ ― Nada: Եվ, վերջապես, գարուն է, չէ՞, անասո՛ւն։

― Անասուն, ― կրկնեց Ագուստինը, կարծես ըմբոխշնելով բառը։ ― Անասուն։ Իսկ դո՞ւ։ Պոռնիկ, պոռնիկի ծնունդ։ Ես քո այդ գարնան մեջը․․․

Պիլարը թփթփացրեց նրա ուսը։

― Լսի՛ր, ― ասաց քրքջալով։ ― Ախր քո բոլոր հայհոյանքները մի հանգի են։ Բայց ամբողջ հոգով ես հայհոյում։ Ինքնաթիռները տեսա՞ր։

― Ես դրանց շարժիչները, ― ասաց Ագուստինը, գլխով դրական շարժում անելով և կծեց վերին շրթունքը։

― Ա՛յ, դա բան է, ― ասաց Պիլարը։ ― Իրոք որ բան է։ Բայց գլուխ բերելն է դժվար։

― Այդ բարձրության վրա՝ այո, ճիշտ ես, ― ասաց Ագուստինն ու քմծիծաղեց։ Desde luego:[27] Բայց ախր լավ է, երբ կատակում ես։

― Այո, ― ասաց Պաբլոյի կինը։ Անպայման լավ է։ Դու լավ մարդ ես, լավ էլ կատակում ես, համով։

― Լսի՛ր, Պիլար, ― լրջացավ Ագուստինը։ ― Երևում է ինչ֊որ բան է պատրաստվում։ Ճի՞շտ է։

― Իսկ քեզ ի՞նչ է թվում։

― Թվում է շատ կեղտոտ բան է պատրաստվում։ Այդ ինչքա՜ն ինքնաթիռներ անցան, ա՛յ կին։ Շատ շատ էին։

― Լավ վախեցար, չէ՞, ոնց որ բոլորս։

― Que va, ― ասաց Ագուստինը։ ― Տեսնես ի՞նչ են պատրաստում։ Կարո՞ղ ես ասել։

― Լսի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Եթե այս տղային Հանրապետությունն ուղարկել է, որ կամուրջներ պայթեցնի, ուրեմն մերոնք հարձակում են պատրաստում։ Ինքնաթիռներն էլ նշանակում են, որ ֆաշիստները պատրաստվում են դիմադրելու։ Բայց ինչի՞ համար էր ինքնաթիռների այս ցուցադրությունը։ Չեմ հասկանում։

― Այս պատերազմում ինչ խելագարություն ասես կատարվում է, ― ասաց Ագուստինը։ ― Հիմարությունների ծայրը չի երևում։

― Այդպես է, ― ասաց Պիլարը։ ― Թե չէ ոնց կկարողանայինք մի ամբողջ տարի այստեղ մնալ։

― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Մի տարի է արդեն, որ հիմարությունների մեջ լող ենք տալիս։ Բայց Պաբլոն հասկացող մարդ է։ Պաբլոն շատ խորամանկ է։

― Դա ինչո՞ւ ես ասում։

― Ասում եմ։

― Բայց դու մի բան պետք է հասկանաս, ― սկսեց բացատրել Պիլարը։ ― Հիմա արդեն շատ ուշ է խորամանկությամբ փրկվելու համար, իսկ ուրիշ բան նա չունի, կորցրել է։

― Հասկանում եմ, ― ասաց Ագուստինը։ ― Գիտեմ, մենք պետք է թողնենք֊հեռանանք։ Եվ քանի որ միայն պատերազմը շահելու դեպքում կարող ենք կենդանի մնալ, ուրեմն պետք է կամուրջները պայթեցնենք։ Բայց Պաբլոն, թեև հիմա թուլամորթի մեկն է, այնուամենայնիվ հնարամիտ է։

― Ես էլ եմ հնարամիտ։

― Չէ՛, Պիլար, ― ասաց Ագուստինը։ ― Դու հնարամիտ չես։ Դու քաջ ես։ Դու հավատարիմ ես։ Դու վճռական ես։ Դու կարող ես կանխազգալ։ Շատ վճռական ես ու շատ սրտոտ։ Բայց հնարամիտ չես։

― Այդպե՞ս ես կարծում, ― հարցրեց կինը մտախոհ։

― Այո, Պիլար։

― Տղան հնարամիտ է, ― ասաց կինը։ ― Ե՛վ հնարամիտ է, և՛ սառնարյուն։ Գլուխը չի կորցնում։

― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Իր գործի վարպետն է, թե չէ չէին ուղարկի։ Բայց չեմ կարող ասել հնարամիտ է թե ոչ, չգիտեմ։ Իսկ այն, որ Պաբլոն հնարամիտ է, գիտեմ։

― Բայց վախից ու անբանությունից նա դարձել է բոլորովին անպիտան։

― Բայց այնուամենայնիվ հնարամիտ է։

― Եվ ի՞նչ ես առաջարկում։

― Ոչինչ։ Ուզում եմ խելացի որոշում ընդունենք։ Մենք հիմա պետք է կարողանանք խելացի գործել։ Կամուրջը պայթեցնելուց հետո պետք է անմիջապես հեռանանք։ Ամեն ինչ պետք է նախապատրաստենք։ Պետք է իմանանք, թե ուր ենք գնում, և ինչպես։

― Անպայման։

― Այ դրա համար էլ Պաբլո է պետք։ Դա պիտի հնարամտությամբ արվի։

― Ես նրան չեմ վստահում։

― Այս հարցում վստահիր։

― Ոչ։ Դու չգիտես, թե նա ինչպիսի փլատակ է։

― Pero es muy vivo: Նա շատ հնարամիտ է։ Եվ եթե այս գործը հնարամտությամբ չարվի, այն ժամանակ մեր ըսենցն ու ընենցը կլինի։

― Կմտածեմ, ― ասաց Պիլարը։ ― Առջևում մի ամբողջ ցերեկ կա մտածելու համար։

― Կամուրջները տղային, ― ասաց Ագուստինը։ ― Նա այդ բանը հաստատ լավ կանի։ Հիշում ես, չէ՞, ոնց այն մեկը գնացքի պայթեցումը կազմակերպեց, հրաշալի էր։

― Այո, ― ասաց Պիլարը։ ― Իրոք, ամեն ինչ իր կազմած ծրագրով եղավ։

― Քոնը եռանդն է ու վճռականությունը, ― ասաց Ագուստինը։ ― Տեղափոխության գործը թո՛ղ Պաբլոյին։ Նահանջը թող Պաբլոն կազմակերպի։ Ստիպի՛ր, թող մտածի։

― Կարգին խելացի մարդ ես։

― Խելացի։ Այո, ― ասաց Ագուստինը։ ― Բայց sin picardia:[28] Դրա համար էլ Պաբլոն պետք է։

― Նույնիսկ իր վախկոտությա՞մբ։

― Նույնիսկ իր վախկոտությամբ։

― Իսկ ի՞նչ ես մտածում կամուրջների մասին։

― Անհրաժեշտ է։ Գիտեմ որ անհրաժեշտ է։ Երկու բան մենք պետք է անպայման անենք։ Նախ՝ այս տեղերից պետք է հեռանանք և երկրորդ՝ պետք է հաղթենք։ Եթե ուզում ենք հաղթել, կամուրջները պիտի պայթեցնենք։

― Եթե Պաբլոն այդքան հնարամիտ է, հապա ինչո՞ւ չի հասկանում դա։

― Նա իր թուլության պատճառով ուզում է, որ ոչ մի բան չփոխվի, ուզում է իր ջրապտույտում ոնց որ պտտվում է, այնպես էլ շարունակի պտտվել։ Նա չի հասկանում, որ ջրերը բարձրանում են։ Երբ տեսնի, որ փոփոխությունն անխուսափելի է, նա վերստին հնարամիտ կդառնա։ Es muy vivo:

― Լավ էր, որ տղան չսպանեց նրան։

― Que va: Գնչուն երեկ գիշեր ինձ համոզում էր, որ ես սպանեմ։ Անասուն է այդ գնչուն։

― Դու էլ ես անասուն, ― ասաց կինը։ ― Բայց խելացի։

― Մենք երկուսս էլ խելացի ենք, դու էլ, ես էլ։ Իսկ Պաբլոն տաղանդավոր է։

― Բայց դժվար է հետը գործ անել։ Դու չգիտես, թե ոնց է նա կործանվել։

― Գիտեմ։ Բայց տաղանդավոր է։ Լսի՛ր, Պիլար։ Կռվելու համար խելքը բավական է։ Հաղթելու համար հարկավոր է տաղանդ և զինամթերք։

― Կմտածեմ ասածներիդ մասին, ― ասաց կինը։ ― Դե արդեն գնանք։ Ուշացանք։ ― Հետո բարձրացնելով ձայնը կանչեց․ ― Անգլիացի։ Ingle's! Արի՛։ Գնացինք։

Գլուխ տասներորդ

― Եկեք հանգստանանք, ― ասաց Պիլարը Ռոբերտ Ջորդանին։ ― Մարիա, նստի՛ր, հանգստանում ենք։

― Պետք է գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Տեղ հասնենք, հետո կհանգստանանք։ Ես պետք է տեսնեմ այդ մարդուն։

― Կտեսնես, ― ասաց կինը։ ― Շտապելու կարիք չկա։ Նստի՛ր, Մարիա։

― Գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Վերևում կհանգստանանք։

― Ես հիմա եմ հանգստանալու, ― ասաց կինը և նստեց առվակի եզրին։ Աղջիկը նստեց նրա կողքին հավամրգիի մացառուտում, արևի շողերն ընկան մազերի վրա։ Ռոբերտ Ջորդանը մնաց կանգնած և սկսեց նայել լեռնալանջի արոտը կտրող֊իջնող գետակին, որի մեջ երևի կարմրախայտ լիներ։ Նրա կանգնած տեղում հավամրգիի մացառուտներ էին։ Ավելի ներքևում՝ դեղին ձարխոտն էր բարձրացել գորշավուն ժայռերի արանքներում, հետո արդեն սկսվում էր սոճիների սև գիծը։

― Այստեղից մինչև Էլ Սորդոյի մոտ ինչքա՞ն կլինի, ― հարցրեց նա։

― Հեռու չէ, ― ասաց կինը։ ― Դիմացի բաց տարածությունը կանցնենք, կիջնենք ձորը, հետո կբարձրանանք ու կմտնենք անտառ, այդտեղ է, առվակի գլխին։ Դե նստիր, մոռացիր մի պահ քո այդ լուրջ գործերը։

― Ուզում էի տեսնել նրան ու պրծնել այս մի գործից։

― Ես էլ ուզում եմ ոտներս լվանալ, ― ասաց կինը և հանեց պարանե ներբանով կոշիկները, բրդյա հաստ գուլպաներն ու աջ ոտը մտցրեց առվակի մեջ։

― Աստված իմ, այս ինչ սառն է։

― Ձիով պիտի գնայինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Սա շատ լավ եղավ։ Սա ինձ շատ էր պետք, ― ասաց կինը։ ― Քեզ ի՞նչ պատահեց։

― Ոչինչ, պարզապես շտապում եմ։

― Եթե միայն դա է, ուրեմն հանգստացիր։ Ժամանակ շատ կա։ Այս ի՜նչ հոյակապ օր է, և ինչ լավ է, որ պրծել եմ սոճիներից։ Դու չես կարող պատկերացնել, թե ոնց եմ հոգնել ես այդ սոճիներից։ Դու սոճիներից չե՞ս հոգնել, guapa:

― Ես սիում եմ սոճիները, ― ասաց աղջիկը։

― Դրանց ի՞նչ ես սիրում։

― Սիրում եմ բույրը, սիրում եմ, երբ քայլելիս ոտներիս տակ զգում եմ ասեղնատերևները, սիրում եմ, երբ բարձր կատարների մեջ վազվզում է քամին և ծառերը ճռճռում են։

― Քեզ ամեն ինչ դուր է գալիս, դու ամեն ինչ սիրում ես, ― ասաց Պիլարը։ ― Երնեկ քեզ առնող մարդուն, դու գանձ ես, մնում է միայն որ լավ ճաշ եփել իմանաս։ Բայց, այնուամենայնիվ, սոճու անտառը տաղտուկ է։ Դու հաճարենու անտառ չես տեսել, ոչ էլ կաղնու կամ շագանակենու։ Այ դրանք են անտառ։ Այդ անտառներում ոչ մի ծառ մյուսին նման չէ, այնտեղ ինքնություն կա, գեղեցկություն։ Սոճու անտառը տաղտուկ է։ Ի՞նչ կասես, Ingles:

― Ես էլ եմ սոճին սիրում։

― Pero, venga,[29] ― ասաց Պիլարը, ― խոսքը մեկ եք արե՞լ։ Սիրելը դե ես էլ եմ սիրում, բայց արդեն մի տարի է, որ միայն ու միայն սոճի ենք տեսնում։ Հոգնեցի։ Լեռներից էլ եմ հոգնել, լեռներում միայն երկու ուղղություն կա՝ ներքև ու վերև, իսկ ներքև գնալ նշանակում է դուրս գալ ճանապարհ և ընկնել ֆաշիստների քաղաքները։

― Սեգովիա գնո՞ւմ ես երբևէ։

― Que va: Ա՞յս դեմքով։ Սա հիշվող դեմք է։ Կուզենայի՞ր տգեղ լինել, գեղեցկուհի, ― ասաց Մարիային։

― Դու տգեղ չես։

― Vamos, տգեղ չեմ։ Ի ծնե տգեղ եմ։ Ամբողջ կյանքս տգեղ եմ եղել։ Դու, Ingles, դու, որ բոլորովին չես ճանաչում կանանց, դու գիտե՞ս, թե ինչ է զգում տգեղ կինը։ Գիտե՞ս, թե ինչ բան է ամբողջ կյանքդ տգեղ լինել, իսկ ներքուստ քեզ գեղեցիկ զգալ։ Շատ տարօրինակ է։ ― Նա մյուս ոտքը մտցրեց առվակի մեջ ու նորից ետ քաշեց։ ― Ախ աստված իմ, այս ինչ սառն է։ Պոչգցուկին նայեք, ― ասաց ու ցույց տվեց գորշ թռչնակը, որ ցատկոտում էր առվի հոսանքում ընկած գլաքարի վրա։ ― Ոչ մի բանի պետք չէ։ Ո՛չ երգում է, ո՛չ էլ ուտելու է։ Թողնես միայն պոչը վեր ու վար անի։ Մի հատ սիգարետ տուր, Ingles, ― ասաց, վերցրեց սիգարետը, վառեց վերնաշապկի գրպանից հանած հրահանով, ծխացրեց ու նայեց Մարիային և Ռոբերտ Ջորդանին։

― Շատ հետաքրքիր է կյանքը, ― ասաց ու քթածակերից բաց թողեց ծուխը։ ― Լավ տղամարդ կարող էի լինել, բայց տեղովս մեկ կին եմ, այն էլ ուզածիդ չափ տգեղ։ Եվ, չնայած դրան, քանի֊քանի տղամարդ է սիրել ինձ, իսկ քանի֊քանիսին էլ ես եմ սիրել։ Հետաքրքիր է։ Լսի՛ր, Ingles, հետաքրքիր բան եմ ասում։ Նայի՛ր, լավ նայիր ինձ։ Տեսնում ես, չէ՞, ինչքան տգեղ եմ։ Մոտիկից, ուշադիր նայիր, Ingles:

― Դու տգեղ չես։

― Que no? Մի ստիր։ Թե՞, ― լիաթոք ծիծաղեց, ― թե՞ դու էլ արդեն հմայվեցիր։ Լա՛վ, լա՛վ, կատակ եմ անում։ Հիմա ինչ էլ ասեք, ես տգեղ եմ։ Բայց տես, թե ինչեր են պատահում։ Մի օր էլ տեսնում ես, որ մի մարդ սիրահարվել է քեզ։ Աչքերը կապվել են, կուրացել է, և քանի դեռ այդ զգացումը տևում է, նա էլ է կուրացած, դու էլ։ Բայց մեկ էլ, չգիտես ինչպես, ինչ պատճառով, այդ մարդն հանկարծ տեսնում է, որ դու տգեղ ես, այսինքն ոնց որ իրականում, նա այլևս կույր չէ, հետո քո աչքերն էլ են բացվում, և դու էլ ես տեսնում, որ տգեղ ես, ու կորցնում ես քո տղամարդուն, կորցնում ես գեղեցիկ լինելու զգացողությունդ։ Հասկանո՞ւմ ես, guapa, ― ասաց ու շոյեց աղջկա ուսը։

― Ոչ, ― ասաց Մարիան, ― որովհետև դու տգեղ չես։

― Ջանա գլխով դատել և ոչ թե սրտով ու լսի՛ր ինձ, ― ասաց Պիլարը։ ― Ես քեզ շատ հետաքրքիր բաներ եմ պատմում։ Իսկ քեզ, Ingles, չե՞ն հետաքրքրում սրանք։

― Հետաքրքրում են։ Բայց պետք է գնալ։

― Que va, գնա՛։ Ես ինձ շատ լավ եմ զգում այստեղ։ Հետո, ― շարունակեց նա՝ աշակերտներին նոր դասը պատմող ուսուցչի նման դիմելով Ռոբերտ Ջորդանին, ― անցնում է որոշ ժամանակ և քո մեջ, նույնիսկ ինձ նման տգեղ կնոջ մեջ, այո, ինձ նման, որ էլ դրանից դենը չի կարող տգեղ լինել, որոշ ժամանակ անցնելուց հետո այդ զգացողությունը, թե գեղեցիկ ես, սկսում է նորից կամաց֊կամաց ծիլ տալ, աճել։ Աճում է ոնց որ կաղամբը։ Իսկ հետո, երբ այդ զգացողությունն արդեն աճել֊մեծացել է, մի նոր տղամարդ է հայտնվում, նրան թվում է, թե դու գեղեցիկ ես, և նորից նույն պատմությունը։ Հիմա մտածում եմ, որ արդեն վերջնականապես անցած բան է դա, բայց ինչ իմանաս, գուցեև լինի։ Քո բախտը բերել է, guapa, որ տգեղ չես։

― Բայց ոչ, ես տգեղ եմ, ― պնդեց Մարիան։

― Իրեն հարցրու, ― ասաց Պիլարը։ ― Ոտներդ էլ առուն չմտցնես։ Կմրսես։

― Եթե Ռոբերտոն ասում է, որ պետք է գնանք, ուրեմն գնանք, ― ասաց Մարիան։

― Ասում ես, էլի, ― ասաց Պիլարը։ ― Լավ իմացիր՝ ես այս գործով նույնքան շահագրգռված եմ, ինչքան որ Ռոբերտոն, և ասում եմ, որ ժամանակ շատ կա ու մենք կարող ենք մի լավ հանգստանալ։ Եվ բացի այդ, ես ուզում եմ խոսել։ Ամբողջ քաղաքակրթությունից այդ մի բանն է հիմա մեզ մնացել։ Ուրիշ ի՞նչ զվարճություն կա։ Այս պատմածներս քեզ չե՞ն հետաքրքրում, Ingles:

― Հիանալի ես խոսում։ Բայց կան բաներ, որ ինձ ավելի են հետաքրքրում, քան այդ գեղեցկության ու տգեղության մասին խոսակցությունները։

― Ի՞նչ է հետաքրքրում քեզ, ասա այդ մասին խոսենք։

― Երբ պատերազմն սկսվեց որտե՞ղ էիր։

― Իմ քաղաքում։

― Ավիլայո՞ւմ։

― Que va, Ավիլայում։

― Պաբլոն ասաց, որ Ավիլայից է։

― Ստել է։ Ուզեցել է ցույց տալ, որ մեծ քաղաքից է։ Ա՛յ, սա էր մեր քաղաքը, ― ասաց անունը։

― Իսկ ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան այնտեղ։

― Շատ իրադարձություններ, ― ասաց կինը։ ― Շատ։ Բոլորն էլ այլանդակ։ Նույնիսկ պանծալիները։

― Դրանց մասին պատմիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դաժան են, ― ասաց կինը։ ― Աղջկա մոտ այդ բաները չեմ պատմի։

― Պատմի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ աղջիկը թող չլսի, եթե իրեն պետք չէ լսել։

― Ես կլսեմ, ― ասաց Մարիան և ձեռքը դրեց Ռոբերտ Ջորդանի ձեռքի վրա։ ― Այնպիսի բան չկա, որ ես չկարողանամ լսել։

― Խոսքը քո կարողանալ֊չկարողանալու մասին չէ, ― ասաց Պիլարը։ ― Խոսքն այն մասին է, որ այդ պատմությունները լսելուց հետո կսկսես սարսափելի երազներ տեսնել։

― Պատմությունն ինչ է, որ վատ երազ տեսնեմ, ― ասաց Մարիան։ ― Այն բոլորից հետո, ինչ տեսա, կարող ես ամեն ինչ պատմել։ Մի մտահոգվիր, վատ երազներ չեմ տեսնի։

― Կարող է Ingles֊ը տեսնել։

― Փորձի՛ր, տե՛ս։

― Իսկապես, Ingles, ես կատակ չեմ անում։ Դու եղե՞լ ես որևէ փոքրիկ քաղաքում պատերազմի առաջին օրերին։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ուրեմն դու ոչինչ չես տեսել։ Դու հիմա ես տեսնում Պաբլոյին, որ փլատակ է դարձել, բայց դու պիտի տեսնեիր, թե ինչ էր Պաբլոն այն օրերին։

― Պատմիր այդ օրերի մասին։

― Ո՛չ։ Չեմ պատմի։

― Պատմի՛ր։

― Լավ։ Կպատմեմ։ Թող այդպես լինի։ Կպատմեմ ոնց որ եղել է, իսկությունը։ Իսկ դու, guapa, եթե զգաս, որ էլ չես դիմանում, ասա։

― Եթե չդիմացա, չեմ լսի, ― ասաց Մարիան, ― բայց ինչ էլ լինի, ավելի սարսափելի չի լինի, քան այն, ինչ տեսել եմ։

― Ինձ թվում է, որ կլինի, ― ասաց կինը։ ― Մի հատ էլ սիգարետ տուր, Ingles և vamonos:[30]

Աղջիկը նստել էր առվակի ափին և հենվել հավամրգիի մացառին, Ռոբերտ Ջորդանը մեկնվել էր խոտերին, գլխի տակ հավամրգիի մի խուրձ էր դրել։ Նա ձեռքը երկարեց, գտավ Մարիայինը, բռնեց ու սկսեց տանել հավամրգիի տերևների վրայով։ Աղջիկը ձեռքը ետ քաշեց, հետո դրեց Ռոբերտ Ջորդանի ձեռքի վրա և սկսեցին լսել Պիլարին։

― Վաղ առավոտյան էր, որ զորանոցի civil֊ները անձնատուր եղան, ― սկսեց պատմել Պիլարը։

― Զորանոցը գրոհո՞վ առաք, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Դեռևս մթով Պաբլոն զորանոցը պաշարեց, հեռախոսալարերը կտրեց, պատի տակ պայթուցիկ դրեց ու ձայն տվեց guardia civil֊ին, որ անձնատուր լինեն։ Նրանք հրաժարվեցին։ Լուսաբացին Պաբլոն պայթեցրեց պատը։ Սկսեցինք կրակել։ Երկու civiles սպանվեցին, չորսը վիրավորվեցին, չորս հոգի էլ անձնատուր եղան։

Բոլորս պառկել էինք, մի մասս տանիքներին, մի մասս գետնին, ոմանք պատերի վրա, շենքերի քիվերին։ Լույսը նոր էր բացվել, պայթյունից հետո փոշին բռնել էր օդն ու չէր նստում, որովհետև քամի չկար, որ քշեր֊տաներ, բոլորս կրակում էինք, հրացանները լցնում էինք ու փուլ եկած պատի միջով կրակում էինք զորանոցի վրա, ծխի ուղղությամբ, կրակում էինք, քանի դեռ զորանոցից կրակոցներ էին լսվում, հետո ներսից մեկը ձայն տվեց, ասաց, որ էլ չկրակենք, և չորս civiles ձեռները բարձրացրած դուրս եկան։ Զորանոցի տանիքի մեծ մասն ու մի պատը փուլ էին եկել, և նրանք դուրս եկան, որ անձնատուր լինեն։

― Ներսում դեռ մարդ կա՞, ― գոռաց Պաբլոն։

― Վիրավոր են։

― Հսկե՛ք սրանց, ― ասաց Պաբլոն իր տղերքից չորս հոգու, որ մոտեցել էին։ ― Կանգնե՛ք այդտեղ։ Պատի տակ, ― ասաց նա civil֊ներին։ Կանգնեցին նրանք պատի տակ, կեղտոտ էին, փոշոտ, ծխից սևացած, նրանց դիմաց կանգնեցին հսկողները, հրացաններն ուղղած իրենց, իսկ Պաբլոն մյուս տղաների հետ գնաց զորանոց՝ վիրավորներին վերջացնելու։

Վերջացրեցին։ Ոչ կրակոց կար, ոչ էլ վիրավորների տնքոցն ու լացի ձայներն էին գալիս։ Պաբլոն իր տղերքի հետ դուրս եկավ, հրացանը գցել էր ուսին, ձեռքին մաուզեր ատրճանակ կար։

― Տե՛ս, Պիլար, ― ասաց, ― սպայի ձեռքին էր, անձնասպան էր եղել։ Ատրճանակից երբեք չեմ կրակել։ Դո՛ւ, ― դարձավ գվարդիականներից մեկին, ― ցույց տուր տեսնեմ ոնց են կրակում սրանից։ Չէ՛, ցույց մի տուր, ասա՛։

Մինչ զորանոցում գնդակահարում էին վիրավորներին, չորս գվարդիականները քրտնակալած ու լուռ կանգնել էին պատի տակ։ Բոլորն էլ բարձրահասակ էին, guardia civilneri դեմքով, այսինքն ճիշտ ոնց որ իմը, միայն թե մազակալած էին, որովհետև այդ առավոտ չէին հասցրել սափրվել։ Եվ այդպես լուռ կանգնել էին պատի տակ։

― Դո՛ւ, ― ասաց Պաբլոն ամենից ավելի մոտիկ կանգնածին, ― ասա, թե ոնց եմ սա գործի դնելու։

― Ապահովիչը հրիր ցած, ― ասաց մարդը խռպոտ ձայնով, ― փողատուփը ետ քաշիր ու բաց թող, որ չխկա։

― Փողատուփը ո՞րն է, ― հարցրեց Պաբլոն ու նայեց civil֊ներին։ ― Փողատուփն ի՞նչ է։

― Վերևի պահեստատուփը։

Պաբլոն փողատուփը ետ քաշեց, բայց այն ինչ֊որ բանի դեմ առավ։

― Այս ի՞նչ եղավ, ― ասաց նա։ ― Չի գնում, խաբեցիր, հա՞։

― Մի քիչ էլ քաշիր ու կամաց բաց թող, ― ասաց civil֊ը։ Ես այդպիսի ձայն չէի լսել։ Ավելի գորշ էր, քան անարև առավոտը։

Պաբլոն քաշեց փողատուփը, ոնց որ ասել էր գվարդիականը, և բաց թողեց։ Լսվեց չխկոցը։ Անճոռնի ատրճանակ էր, փոքր, կլոր կոթով, երկար ու կարծես տափակած փողով։ Գվարդիականները լուռ նայում էին Պաբլոյին։

― Ի՞նչ ես անելու մեզ, ― հարցրեց մեկը։

― Գնդակահարելու ենք, ― ասաց Պաբլոն։

― Ե՞րբ, ― հարցրեց նույն մարդը նույն գորշ ձայնով։

― Հիմա, ― ասաց Պաբլոն։

― Որտե՞ղ, ― հարցրեց մարդը։

― Այստեղ, ― ասաց Պաբլոն։ ― Այստեղ։ Հիմա։ Այստեղ և հիմա։ Որևէ ասելու բան ունե՞ք։

― Nada, ― ասաց գվարդիականը։ ― Ոչ մի բան։ Բայց դա գարշելի բան է։

― Դու էլ ես գարշելի բան, ― ասաց Պաբլոն։ ― Դո՛ւ, գյուղացիների դահիճ։ Դու քո հարազատ մորն էլ կսպանես։

― Ես երբեք և ոչ մեկին չեմ սպանել, ― ասաց civil֊ը։ ― Եվ մորս էլ չհիշես։

― Ցույց տուր տեսնենք, թե ոնց պետք է մեռնել։ Մինչև հիմա միայն սպանել ես իմացել։

― Նախատելու կարիք չկա, ― ասաց մի ուրիշ civil: ― Մենք մեռնել գիտենք։

― Չոքե՛ք ու երեսներդ արեք պատին, ― ասաց Պաբլոն։ Գվարդիականները նայեցին իրար։ ― Չոքե՛ք, ասացի, ― գոռաց Պաբլոն։ ― Ծնկի եկեք։

― Ի՞նչ ես կարծում, Պակո, ― հարցրեց գվարդիականներից մեկը իրենցից ամենաբարձրահասակին, որը Պաբլոյին ցույց էր տվել ատրճանակն օգտագործելու ձևը։ Պակոն կապրալի տարբերանշաններ ուներ, և չնայած որ լուսաբացին օդը դեռ բավական սառն էր, նա քրտինքի մեջ կորել էր։

― Կարելի է և չոքել, ― ասաց նա։ ― Ոչ մի նշանակություն չունի։

― Ավելի մոտիկ կլինենք հողին, ― ասաց մյուսը՝ փորձելով կատակել, բայց կատակի տրամադրություն չկար, բոլորն էլ չափից ավելի էին տագնապած, և ոչ մեկը չժպտաց։

― Ուրեմն եկեք ծնկի գանք, ― ասաց առաջին գվարդիականը, և նրանք անշնորհք շարժումներով, երեսները դեմ արած պատին, ձեռքները կողքներին՝ ծնկի եկան։ Պաբլոն թիկունքից մոտեցավ և կրակեց առաջինի ծոծրակին, հետո հերթով բոլորի ծոծրակներին, ատրճանակի փողը դեմ էր անում ու կրակում, և նրանք մեկ առ մեկ ընկնում էին։ Մինչև հիմա էլ ականջիս մեջ է ատրճանակի սուր, թեև խլացած ձայնը, աչքիս առջև են ատրճանակի ցնցվող փողն ու մարդկանց առաջ հակվող գլուխները։ Մեկն աներեր պահել էր գլուխը, երբ ատրճանակի փողն արդեն հպվել էր նրան, մյուսը հակել էր ու ճակատը սեղմել պատին։ Երրորդն ամբողջ մարմնով դողում էր, գլուխը ցնցվում էր։ Չորրորդը ձեռքերով փակել էր աչքերը։ Երբ չորսն էլ ընկել էին պատի տակ, Պաբլոն շրջվեց և ատրճանակը պահած եկավ դեպի մեր կողմը։

― Պահի՛ր, Պիլար, ― ասաց ինձ ու տվեց ատրճանակը։ ― Չգիտեմ, թե ոնց պիտի դնեմ ապահովիչի վրա։ ― Կանգնեց ու նայեց զորանոցի պատի տակ ընկած չորս գվարդիականներին։ Բոլորս էլ լուռ նայում էինք դիակներին։

Քաղաքը մեր ձեռքին էր։ Վաղ առավոտ էր տակավին, բոլորս էլ քաղցած էինք, նույնիսկ սուրճ չէինք խմել, ոտից գլուխ ծածկվել էինք պայթյունից առաջացած փոշով, կարծես կալոցին լինեինք, ատրճանակը ձեռքիս կանգնել էի, ծանրությունից ձեռքս կախ էր ընկել, և երբ նայեցի պատի տակ ընկած գվարդիականներին, սիրտս ճմլվեց։ Նրանք էլ մեզ պես էին, փոշոտ, կեղտոտ, բայց պառկել էին պատի տակ, իրենց արյունով թրջված գետնին։ Մենք այդտեղ էինք, երբ հեռավոր լեռների ետևից արևը դուրս եկավ, ճառագայթներն ընկան ճանապարհի վրա, մեզ վրա, հետո զորանոցի սպիտակ պատին։ Օդում կանգնած փոշին ոսկուն էր տալիս արևի շողերի մեջ։ Կողքիս կանգնած գյուղացին նայեց ինձ, հետո զորանոցի պատին, պատի տակ ընկածներին, բոլորիս, հետո արևին։

― Vaya,[31] ― ասաց, ― օրը բացվեց։

― Գնանք սուրճ խմենք, ― ասացի ես։

― Այո, Պիլար, ճիշտ ես, ― ասաց նա։

― Գնացինք քաղաք, Plaza:[32] Դրանք վերջիններն եղան։ Հետագայում էլ ոչ մեկին չգնդակահարեցին մեր քաղաքում։

― Իսկ մյուսներն ի՞նչ եղան, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Էլ ուրիշ ֆաշիստ չկա՞ր քաղաքում։

― Que va, ո՞նց թե չկար։ Քսան հոգուց ավելի։ Բայց ոչ մեկին չգնդակահարեցինք։

― Հապա ի՞նչ արեցիք։

― Շղթայածեծ անելով բերին, հասցրին անդունդի եզրին ու այնտեղից գցեցին ցած, գետի մեջ։

― Քսանի՞ն էլ։

― Կպատմեմ։ Հիմա։ Թեև ծանր է, բայց կպատմեմ։ Թող ինձ այլևս չվիճակվի այդպիսի բան տեսնել, շղթաներով անդունդի եզրին տրված այդպիսի մահացու ծեծ։

Մեր քաղաքը գետի բարձրադիր ափին է, անդունդի եզրին էլ Plaza֊ն է՝ հրապարակը, շատրվանով, բարձր ծառերով, ծառերի տակին էլ նստարաններ։ Տների պատշգամբները նայում են հրապարակին։ Վեց փողոց է բացվում հրապարակի վրա։ Հրապարակի երեք կողմը տներ են, տների առջևում կամարներ կան, և շոգ օրերին մարդիկ դրանց ստվերի տակ պատսպարվում են արևից։ Չորրորդ կողմը անդունդն է, եզրին ստվերոտ ծառուղի է, իսկ խորքում գետն է վազում։

Ամբողջ գործի կազմակերպումը Պաբլոն վերցրել էր իր ձեռքը, ինչպես զորանոցի գրոհի ժամանակ։ Բոլոր վեց փողոցներն էլ փակել էր սայլերով, ոնց որ capea֊ի՝ սիրողական ցլամարտի ժամանակ։ Ֆաշիստներին լցրել էր Ayuntamiento֊յի՝ քաղաքապետարանի դահլիճը։ Դա հրապարակի վրայի ամենամեծ շենքն էր, պատին ժամացույց կար, տակը կամարներ էին, հենց այդ կամարների տակ էլ ֆաշիստների ակումբն էր․ գործած աթոռներ ու սեղաններ էին դրել, գալիս էին այդտեղ խմում, զրուցում։ Սրճարանի էր նման, բայց ավելի կոկիկ էր։

― Ձերբակալության ժամանակ չդիմադրեցի՞ն։

― Պաբլոն նրանց ձերբակալեց գիշերը, նախքան զորանոցի վրա գրոհն սկսելը։ Մինչ այդ նա արդեն պաշարել էր զորանոցը։ Հենց որ գրոհն սկսվեց, բոլորին ձերբակալեցին, միանգամից։ Խելացի ձևով արվեց։ Պաբլոն իսկական կազմակերպիչ է։ Թե չէ մենք գրոհելու էինք զորանոցի վրա, իսկ թիկունքից ու կողքերից մեզ էին խփելու։

― Պաբոն շատ խելացի է, բայց շատ դաժան է։ Նա այդ ամենը նախօրոք ծրագրել էր, լավ նախապատրաստել։ Հիմա լսիր։ Զորանոցից հետո, երբ արդեն չորս գվարդիականները անձնատուր էին եղել ու Պաբլոն նրանց գնդակահարել էր պատի տակ, երբ մենք սուրճը խմել էինք ավտոբուսի առաջին կանգառի անկյունի սրճարանում, Պաբլոն սկսեց հրապարակի նախապատրաստությունը։ Փողոցները փակեց սայլերով, ոնց որ capea֊յի ժամանակ, բացի մեկից, այն, որ անդունդի վրա է բացվում։ Հետո քահանային հրամայեց, որ խոստովանեցնի ֆաշիստներին և անհրաժեշտ բոլոր ծեսերը կատարի։

― Ոտըտե՞ղ։

― Ասացի, Ayuntamiento֊յում։ Ամբոխը հավաքվել էր հրապարակում, և մինչ քահանան իր ծիսակատարությամբ էր զբաղված ներսում, դրսում մի քանի խուժաններ սկսեցին հիշոցներ տալ, բայց մարդկանց մեծ մասը շատ լուրջ էր իրեն պահում, արժանապատվությամբ։ Խուժանություն անողները խմածներն էին, զորանոցի գրավումն էին նշել, ասենք միշտ էլ լինում են այդպիսի անպետք բնավորության տեր մարդիկ, նրանց միայն խմելու առիթ լինի։

― Մինչ քահանան իր ծեսն էր կատարում, Պաբլոն հրապարակում հավաքվածներին կանգնեցրեց երկու շարքով, ոնց որ պարան ձգելու խաղերին են շարվում, կամ հեծանվամրցումների ժամանակ են կանգնում փողոցի երկու կողմերում՝ մի նեղ միջանցք թողնելով հեծանվորդին, մեկ էլ ոնց որ այն ժամանակ, երբ թափորը սրբապատկերներ է տանում։ Երկու մետր լայնությամբ միջանցք էր, որ ամբողջ հրապարակով ձգվում էր մինչև անդունդը։ Պաբլոն այնպես էր արել, որ դուրս եկողը իր առաջ երկու ամուր շարքով կանգնած իրեն սպասող մարդկանց էր տեսնելու։

Շարքերում կանգնածները ցորեն կալսելու շղթաներով էին զինված։ Շարքերի արանքում ընկած տարածությունը մի շղթայաչափ էր։ Մարդկանց մի մասը շղթա չուներ։ Մեծ մասը ուներ։ Գնել էին դոն Գիլյերմո Մարտինիից, որը ֆաշիստ էր և գյուղատնտեսական գործիքների խանութ ուներ։ Նրանք, ովքեր շղթաներ չունեին, զինվել էին հովվի մահակներով, խթաններով ու փայտյա եղաններով։ Մի քանիսի ձեռքին փայտյա հոսելիներ կային, ինչով որ կալսած ցորենը հարդից են զատում քամուն տալով։ Մի քանի հոգի էլ մանգաղներով էին եկել։ Պաբլոն նրանց կանգնեցրեց շարքերի ծայրին, անդունդի հենց եզրին։

Շարքերն հանգիստ կանգնել էին։ Օրը պայծառ էր, այսօրվա նման․ շատ բարձրից ամպեր էին անցնում, ոնց որ հիմա, փոշի չկար, որովհետև գիշերը առատ ցող էր նստել, ծառերի ստվերներն ընկել էին շարքերում կանգնած մարդկանց վրա, լսվում էր առյուծի բերանից շատրվանի գուռի մեջ թափվող ջրի ձայնը։ Մեր քաղաքի կանայք կժերով ջրի էին գալիս այդտեղ։

Միայն Ayuntamiento֊յի մոտ, որտեղ քահանան իր ծեսն էր կատարում, աղմուկ էր, հայհոյում էին, դա էլ այն անպետքներն էին, որ ասացի, խմել ու խռնվել էին պատուհանների տակ և ինչ կեղտոտ խոսքեր ասես թափվում էին ֆաշիստների վրա լուսամուտների երկաթե ճաղերի արանքից, զզվելի կատակներ էին անում։ Շարքերում կանգնած մարդկանց մեծ մասը հանգիստ սպասում էր։ Լսեցի, որ մեկն ասաց․ «Տեսնես կանա՞յք էլ են լինելու»։ Կողքինն էլ ասաց․ «Աստված տա չլինեն»։

Հետո մեկն ասաց․

― Ա՛յ, Պաբլոյի կինն այստեղ է։ Լսի՛ր, Պիլա՛ր, կանայք լինելո՞ւ են։

Նայեցի այդ մարդուն։ Կիրակնօրյա հագուստով, քրտնքի մեջ կորած մի գյուղացի էր։

― Ոչ, Խոակին։ Կին չկա։ Մենք կանանց չենք սպանում։ Ինչո՞ւ սպանենք կանանց։

― Փառք քեզ աստված, որ կանայք չկան, ― ասաց նա։ ― Իսկ ե՞րբ են սկսելու։

― Հենց որ քահանան վերջացնի, ― ասացի։

― Իսկ քահանայի՞ն։

― Չգիտեմ, ― ասացի և տեսա, որ գյուղացու դեմքը ձգվեց, ճակատը քրտինքով պատվեց․․․

― Երբեք մարդ չեմ սպանել, ― ասաց։

― Դե ուրեմն հիմա կսովորես, ― ասաց կողքի գյուղացին։ ― Բայց չեմ կարծում, որ սրանով կարելի է մեկ հարվածով սպանել, ― ասաց ու տարակուսանքով նայեց երկու ձեռքով պահած շղթային։

― Համն էլ դրա մեջ է, ― ասաց մի ուրիշ գյուղացի։ ― Հարվածներ շատ կլինեն։

― Նրանք Վալլադոլիդը գրավել են։ Գրավել են Ավիլան, ― ասաց մեկը։ ― Ճանապարհին իմացա։

― Նրանք այս քաղաքը երբեք չեն գրավի։ Այս քաղաքը մերն է։ Մենք նրանց կանխեցինք, ― ասացի ես։ ― Պաբլոն այն մարդը չէ, որ նստի ու սպասի, թե երբ են իրեն խփելու։

― Պաբլոն կարող մարդ է, ― ասաց մեկ ուրիշը։ ― Բայց որ civil֊ներին մենակ սպանեց, եսասիրություն էր։ Ճիշր չե՞մ, Պիլար։

― Ճիշր ես, ― ասացի ես։ ― Հիմա այս մեկին բոլորդ էլ կմասնակցեք։

― Այո, ― ասաց նա։ ― Այս մեկը լավ է կազմակերպված։ Բայց այս ի՞նչ բան է, որ պատերազմի մասին ոչ մի լուր չկա։

― Զորանոցի վրա գրոհելուց առաջ Պաբլոն հեռախոսալարերը կտրեց։ Դեռ չեն վերանորոգել։

― Հա, ուրեմն այդ է, որ ոչ մի բան չենք լսում, ― ասաց նա։ ― Ես էլ առավոտյան ճանապարհաշինության վարպետից իմացա նորությունները։

― Իսկ ինչո՞ւ այս ձևով ենք անում, Պիլար, ― հարցրեց։

― Փամփուշտները խնայելու համար, ― ասացի ես։ ― Բացի այդ, այս ձևով, ամեն մարդ հավասարապես պատասխանատվության իր բաժինը կունենա։

― Որ այդպես է թող սկսեն։ Թող սկսեն։

Ես նայեցի նրան և տեսա, որ լալիս է։

― Ինչո՞ւ ես լալիս, Խոակին, ― հարցրեցի։ ― Մի՛ լար, ի՞նչ կա լալու։

― Չեմ կարող։ Պիլար, ո՞նց չլամ, ― ասաց նա։ ― Ախր ես երբեք մարդ չեմ սպանել։

Եթե հեղափոխության առաջին օրը դու չես եղել փոքրիկ մի գյուղաքաղաքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են ու ճանաչել են միշտ, ուրեմն դու ոչ մի բան չես տեսել։ Շարքերում կանգնած մարդկանց մեծ մասը այդ օրն էլ հրապարակ էր շտապել ամենօրյա, աշխատանքային շորերով, իսկ ոմանք, չիմանալով թե ինչպես պետք է վարվեն հեղափոխության առաջին օրը, հագել էին իրենց կիրակնօրյա կամ տոնական օրերի հագուստը, և հիմա, երբ տեսնում էին իրենց կողքին հին շորերով կանգնած մարդկանց, մանավանդ նրանց, ովքեր զորանոցի գրոհին էին մասնակցել, ամաչում էին իրենց հագ ու կապից։ Բայց բաճկոնները չէին հանում, վախենում էին, որ կկորցնեն, որ խուժանները կգողանան, դրա համար էլ արևի տակ քրտնքի մեջ կորած անհամբեր սպասում էին, որ ինչ սկսվելու է, շուտ սկսվի։

Հետո քամի բարձրացավ, և փոշին բռնեց չորս կողմը, որովհետև գետինը չորացել էր մարդկանց ոտների տակ։ Կիրակնօրյա մուգ կապույտ բաճկոնով մի մարդ «Agua! Agua! գոռաց։ Հրապարակի պահակը վերցրեց ռետինե խողովակը, ― այդ տեղերն ամեն առավոտ ջրելը նրա պարտականությունն էր, ― հրապարակի կողքերից սկսեց ջրել, հետո անցավ կենտրոն։ Շարքերը ետ֊ետ քաշվեցին, որպեսզի իրենց կանգնած տեղի փոշին էլ մաքրվի։ Խողովակը ոլորվում էր, կամար֊կամար լինում, ջուրը շողշողում էր արևի տակ, իսկ մարդիկ հենվել էին իրենց շղթաների կոթերին, մահակներին, փայտյա եղաններին ու նայում էին, թե ոնց է ջուրը սրբում֊մաքրում հատակը։ Գետինը լավ թացացավ, փոշին նստեց։ Շարքերը նորից եկան֊կանգնեցին իրենց տեղերում։ Մեկ էլ մի գյուղացի գոռաց․

― Ե՞րբ են բերելու այդ ֆաշիստներին։ Ե՞րբ է վերջանալու դրանց խոստովանությունը։

― Շուտով, ― գոռաց Պաբլոն Ayuntamiento֊յի դռնից ― շուտով դուրս կգան։ ― Պաբլոյի ձայնը խզված էր, որովհետև զորանոցի գրոհի ժամանակ սարսափելի ծուխ էր ու ինքն էլ շատ էր գոռգոռացել։

― Իսկ ի՞նչն է ուշացման պատճառը, ― հարցրեց ինչ֊որ մեկը։

― Մեղքերն են խոստովանում, ― գոռաց Պաբլոն։

― Պարզ է, քսան հոգի, ― ասաց մի մարդ։

― Ավելի, ― ասաց մեկ ուրիշը։

― Քսան հոգին բավական մեղք կունենան խոստովանելու։

― Այո, բայց ինձ թվում է, որ դրանք ուզում են ժամանակ շահել։ Մարդ այս վիճակում մե՞ղք կհիշի։ Թե հիշի էլ՝ հազիվ ամենամեծը։

― Մենք այսօր կթակենք ու քամուն կտանք ֆաշիստներին, և հարդի միջից դուրս կգա pueblo[33]֊յի ազատությունը։

― Բայց պետք է այնպես գործենք, որ արժանի լինենք այդ ազատության, ― ասաց մեկ ուրիշն ու դարձավ ինձ․ ― Պիլար, ե՞րբ է լինելու միտինգը։

― Սրանից անմիջապես հետո, ― ասացի ես։ ― Հենց այստեղ, Ayuntamiento֊յի շենքում։

Guardia civil֊ի եռանկյուն, լաքած կաշվից մի գլխարկ էի դրել գլխիս, հենց այնպես, զվարճանալու համար, ատրճանակն էլ կախել էի մեջքիս կապած պարանից, ապահովիչը ետ քաշել ու մատս պահել շնիկի վրա։ Գվարդիական էի խաղում։ Սկզբում հաճելի էր թվում ինձ այդ խաղը, հետո ձանձրացա, իսկ հետագայում զղջացի, որ գլխարկի փոխարեն ատրճանակի պատյանը չեմ վերցրել։ Շարքերում կանգնածներից մեկն ասաց․

― Պիլար, աղջիկս, ինձ թվում է, որ անճաշակ բան ես արել այդ գլխարկը դնելով։ Guardia civil֊ի նման բաներին արդեն վերջ ենք տվել։

― Որ այդպես է, ― ասացի, ― կհանեմ, ― և հանեցի։

― Ինձ տուր, ― ասաց։ ― Ես կոչնչացնեմ։

Մենք շարքերի հեռավոր ծայրում էինք, քարափի եզրի ծառուղու մոտ, նա վերցրեց գլխարկն ու շպրտեց դեպի անդունդը, այնպես, ինչպես նախրապաններն են քար գցում հեռու գնացած եզների վրա, որպեսզի ետ՝ նախիր դարձնեն, և գլխարկը փոքրացավ, փոքրացավ ու արևի տակ շողշողալով գնաց դեպի գետը։ Շրջվեցի դեպի հրապարակ․ մարդիկ լցվել էին պատշգամբները, նայում էին պատուհաններից, Ayuntamiento֊յի դռնից մինչև անդունդը ձգվել էին մարդկանց զույգ շարքերը, քաղաքապետարանի շենքի պատուհանների տակ խռնված ամբոխը աղմկում էր, մեկ էլ մի բացականչություն լսվեց՝ «եկավ, առաջինը եկավ»։ Դոն Բենիտո Գարսիան էր, քաղաքապետը, նա դուրս եկավ գլխաբաց և ծանրաքայլ իջավ դարպասի աստիճաններով։ Ոչ ոք չէր դիպչում նրան։ Նա քայլում էր շարքերի արանքով, իսկ շղթաները ձեռքներին կանգնած մարդիկ ձեռք չէին տալիս նրան։ Անցավ առաջին երկուսի առաջով, չորսի, ութի, տասի, և ոչ մեկը ձեռք չէր տալիս։ Գլուխը բարձր պահած, չաղ, գորշ դեմքով, աչքերն ուղիղ դիմացը հառած, ― բայց հետո սկսեց այս ու այն կողմ պտտել, ― նա հաստատ քայլերով անցնում էր շարքերի արանքով, և ոչ մեկը ձեռք չէր տալիս։ Մեկ էլ մի պատշգամբից ինչ֊որ մեկը գոռաց․ «Que pasa, cobardes? Ի՞նչ եք կանգնել, վախկոտներ»։ Իսկ դոն Բենիտոն շարունակում էր քայլել շարքերի արանքով և ոչ ոք ոչ մի բան։ Այդ պահին աչքս ընկավ մեկի վրա, ինձնից երեք մարդ այն կողմ էր կանգնած, դեմքը ծամածռվել էր, շրթունքներն առել էր ատամների տակ, շղթան այնքան ամուր էր սեղմել, որ ձեռքերն սպիտակել էին։ Այդ մարդը նայում էր մոտեցող դոն Բենիտոյին, իսկ սա գալիս էր, և ոչ մեկը ոչինչ չէր անում։ Երբ դոն Բենիտոն մոտեցավ այդ մարդուն, սա բարձրացրեց ձեռքի շղթան, այնպես բարձրացրեց, որ կողքինին էլ կպավա, և իջեցրեց դոն Բենիտոյի գլխին, դոն Բենիտոն նայեց նրան, նա նորից խփեց, «Առ քեզ, cabron[34]» գոռաց ու խփեց, հետո էլի խփեց, այս անգամ դեմքին, դոն Բենիտոն ձեռքով ծածկեց դեմքը, ուրիշներն էլ սկսեցին խփել, խփեցին մինչև որ ընկավ, հետո այն մարդը, որն առաջինն էր խփել, կանչեց մյուսներին, որ օգնեն իրեն, բռնեց դոն Բենիտոյի շապկի օձիքից, մյուսները՝ թևքերից և հրապարակով, ծառուղիով երեսնիվայր քարշ տալով տարան ու քարափից գլորեցին անդունդի միջով վազող գետը։ Իսկ այն մարդը, որ առաջինն էր հարվածել, չոքել էր քարափի ծայրին, նայում էր ցած ու կրկնում․ «Cabron! Cabron! Ա՜խ Cabron!»։ Նա դոն Բենիտոյի վարձակալն էր եղել, նրանք երկար ժամանակ իրար հետ լեզու չէին գտնում։ Գետափին գտնվող իր մի հողակտորը դոն Բենիտոն այս մարդուց վերցրել էր և մի ուրիշին էր վարձով տվել։ Այա մարդը տարիներ շարունակ ատել էր դոն Բենիտոյին։ Հիմա նստել էր քարափի գլխին ու նայում էր ցած։ Նա այլևս չմոտեցավ շարքերին։

Դոն Բենիտոյից հետո ոչ ոք չէր ուզում դուրս գալ։ Հրապարակում բոլորը լուռ սպասում էին երկրորդին։ Մեկ էլ մի հարբած բարձր ձայնով կանչեց․

Que salga el toro! Ցուլը բաց թողեք։

Մեկ ուրիշն էլ Ayuntamiento֊յի պատուհանի մոտից բղավեց․

― Չեմ ուզում դուրս գալ։ Աղոթում են։

Մի հարբած էլ մյուս կողմից գոռաց․

― Դուրս քշեք դրանց։ Դուրս արեք։ Աղոթքի ժամը պրծավ։ Բայց ոչ ոք դուրս չէր գալիս, հետո դռների մեջ երևաց մեկը։

Դոն Ֆեդերիկո Գոնսալեսն էր, մի թունդ ֆաշիստ, որը նպարեղենի խանութ ուներ և ջրաղաց։ Բարձրահասակ, նիհար մարդ էր, մազերը գլխի մի կողմից սանրել֊բերել էր մյուս կողմը, որպեսզի ճաղատը ծածկի։ Գիշերանոցով էր, հավաքել֊մտցրել էր շարլվարի մեջ, բոբիկ էր։ Անկողնից հանել, ձերբակալել ու բերել էին։ Գալիս էր Պաբլոյի առաջն ընկած, ձեռքերը բարձրացրել էր, իսկ Պաբլոն հրացանի փողը դեմ էր արել նրա մեջքին։ Երբ հասան շարքերին, Պաբլոն նրան թողեց և վերադարձավ դեպի Ayuntamiento: Դոն Ֆեդերիկոն կանգ առավ, աչքերն հառեց վերև, ձեռքերը բարձրացրեց, կարծես երկնքից փրկություն էր սպասում։

― Ոտքեր չունի, որ քայլի, ― ասաց մեկը։

― Ի՞նչ եղավ, դոն Ֆեդերիկո։ Չե՞ս կարողանում քայլել, ― գոռաց մեկը։ Դոն Ֆեդերիկոն ձեռքերը բարձրացրել ու կանգնել էր, շրթունքներն էին միայն շարժվում։

― Շարժվի՜ր, ― գոռաց Պաբլոն աստիճանների վրայից։ ― Քայլի՛ր։

Դոն Ֆեդերիկոն կանգնել էր և չէր կարողանում շարժվել։ Հարբածներից մեկը շղթայի կոթով խփեց մեջքին, դոն Ֆեդերիկոն կամակոր ձիու նման տրտինգ տվեց, բայց մնաց տեղում կանգնած, ձեռքերը բարձրացրած և աչքերն ուղղած երկինք։

Կողքիս կանգնած մի գյուղացի դարձավ ինձ․

― Ամոթ է, չէ՞։ Ես այդ մարդու դեմ բան չունեմ, բայց վերջ պետք է տալ այս ներկայացմանը, ― ասաց ու շարքերի արանքով մոտեցավ դոն Ֆեդերիկոյին։ ― Թույլ տուր, ― ասաց ու ձեռքի մահակը թափով իջեցրեց նրա գլխին։ Դոն Ֆեդերիկոն ձեռքերով ծածկեց ճաղատը, ցանցառ մազերը դուրս էին պրծել մատների բացվածքներից, նա սկսեց վազել շարքերի արանքով, շղթաների հարվածներն իջնում էին թիկունքին, ուսերին։ Ընկավ։ Շարքերի վերջին կանգնածները քարշ տալով տարան ու գցեցին անդունդը։ Այդպես էլ ոչ մի անգամ, Ayuntamiento֊յից դուրս գալուց մինչև ընկնելը, նա բերանը չբացեց։ Բայց արի ու տես, որ քայլել չէր կարողանում։ Ոտքերն իրեն չէին ենթարկվում։

Դոն Ֆեդերիկոյից հետո անդունդի գլխին սկսեցին հավաքվել ամենից ավելի դաժանները, ես թողեցի ու հեռացա այդտեղից, մոտեցա Ayuntamiento֊յի պատուհանին, երկու հարբածներ էին կանգնած, մի կողմ հրեցի դրանց ու նայեցի ներս։ Ayuntamiento֊յի դահլիճում նրանք կիսաշրջան կազմած ծնկի էին եկել ու աղոթում էին։ Նրանց հետ աղոթում էր և քահանան։ Նա էլ էր ծնկի եկել։ Պաբլոն, «Cuatro Dedos»՝ «Չորս մատ» մականունով կոշկակարը, որն այն ժամանակ միշտ Պաբլոյի հետ էր լինում, և էլի երկու հոգի հրացանները նրանց վրա պահած կանգնել էին այդտեղ։

― Ո՞վ է հիմա գնալու, ― հարցրեց Պաբլոն քահանային։ Քահանան շարունակեց աղոթել և ոչինչ չպատասխանեց։

― Լսի՛ր, քեզ հետ եմ, ― ասաց Պաբլոն քահանային խռպոտած ձայնով։ ― Ո՞վ է հիմա գնալու։ Ո՞վ է պատրաստ։

Քահանան չէր պատասխանում նրան և շարունակում էր աղոթել, նա իրեն այնպես էր պահում, կարծես Պաբլոն այնտեղ չլիներ։ Ես տեսա, որ Պաբլոն սկսում է կատաղել։

― Թույլ տուր բոլորս միասին գնանք, ― ասաց Պաբլոյին կալվածատեր դոն Ռիկարդո Մոնտալվոն, որն ընդհատել էր աղոթքն ու գլուխը բարձրացրել։

― Qur va, ― ասաց Պաբլոն։ ― Մեկ֊մեկ, ա՛յ, դո՛ւ, դուրս արի, դու արդեն պատրաստ ես։

― Ես կգնամ, ― ասաց դոն Ռիկարդոն։ ― Ես պատրաստ եմ, սրանից ավելի էլ ո՞ւր։ ― Նա խոսում էր, իսկ քահանան օրհնում էր նրան, հետո, երբ նա կանգնեց, քահանան խաչը մեկնեց, որ նա համբուրի։ Դոն Ռիկարդոն համբուրեց խաչը և դարձավ Պաբլոյին։

― Ես երբեք այսքան պատրաստ չեմ եղել, ― ասաց նա։ ― Քեզ հետ եմ, քոսոտ cabron, գնանք։

Դոն Ռիկարդոն կարճահասակ էր, մազերը մոխրագույն էին։ Վիզը հաստ էր։ Հագի վերնաշապիկը օձիք չուներ։ Միշտ ձիու վրա էր եղել, դրանից էլ ոտքերը ծուռ էին։

― Մնաք բարով, ― ասաց չոքածներին։ ― Մի՛ տխրեք։ Մեռնելը դատարկ բան է։ Վատն այն է, որ այս canalla[35]֊ների ձեռքով ենք մեռնում։ Ինձ ձեռք չտաս, ― ասաց Պաբլոյին։ ― Հեռու տար այդ հրացանդ։

Այդ կարճահասակ, մոխրագույն մազերով ու մոխրագույն մանր աչքերով հաստ, կատաղած մարդը դուրս եկավ Ayuntamiento֊յի դռնից։ Նա նայեց երկու շարքով կանգնած գյուղացիներին ու թքեց հատակին։ Թքեց իսկական թքով, մի բան, որ հազվադեպ է լինում նման հանգամանքներում, դու դա կիմանաս, Ingles, և ասաց․

― Arriba Espana:[36] Անկցի ձեր այդ ըսենց ու ընենց Հանրապետությունը, ես ձեր հայրերի ծծած կաթը։

Նրան շատ արագ սպանեցին, որովհետև հայհոյել էր իրենց, հենց որ մոտեցավ շարքերին, սկսեցին բահերով խփել, նա փորձում էր գլուխը բարձր պահել, իսկ նրանք խփում էին, հարվածում էին մանգաղներով, խփեցին, մինչև որ ընկավ, հետո մի մեծ խմբով վերցրին ու տարան գցեցին անդունդը։ Հիմա նրանց ձեռներին, հագուստների վրա արյուն կար։ Հիմա նրանք հասկացան, որ դուրս եկողներն իրոք թշնամիներ են և պետք է սպանվեն։

Քանի դեռ դոն Ռիկարդոն դուրս չէր եկել ու այդպես կատաղած հայհոյել, շարքերում եղողներից շատերը, համոզված եմ, շատ բան կտային, որ շարքում կանգնած չլինեին։ Եվ երբ այդ ժամանակ մեկնումեկն ասեր թե՝ «Եկեք ներենք մնացածներին, նրանք իրենց դասն արդեն առան», համոզված եմ, մեծ մասը կհամաձայներ։

Բայց դոն Ռիկարդոն իր այդ խիզախությամբ վատ ծառայություն մատուցեց մնացածներին։ Որովհետև շարքերում կանգնած ժողովուրդը ծառս եղավ, և եթե մարդիկ մինչև այդ կարծում էին, որ դա ինչ֊որ պարտականություն է, որ պետք է կատարեն ու կատարում էին առանց որևէ բավականության, հիմա արդեն կատաղել էին, և դա շատ ակնհայտ էր։

― Քահանային դուրս բերեք, որպեսզի գործն արագանա, ― գոռաց մեկը։

― Քահանային բերեք։

― Երեք ավազակ արդեն եկել են, հիմա քահանային բերեք։

― Երկու ավազակ, ― ասաց գոռացողին մի կարճահասակ գյուղացի։ ― Երկու ավազակ էին Մեր Տիրոջ հետ։

― Ո՞ւմ տիրոջ, ― ասաց բարկությունից կարմրատակած երեսով մարդը։

― Մեր Տիրոջ, ոնց որ ընդունված է ասել։

― Նա իմ տերը չէ, թեկուզ հենց այնպես, խոսքի համար, ― ասաց մյուսը։ ― Եվ լավ կանես բերանդ փակես, եթե չես ուզում շարքերի միջով քայլել։

― Ես քեզնից պակաս հանրապետական չեմ, ― ասաց կարճահասակ գյուղացին։ ― Ես դոն Ռիկարդոյի բերանին խփեցի։ Դոն Ֆեդերիկոյի թիկունքին։ Դոն Բենիտոյին վրիպեցի։ Իսկ «Մեր Տերը» ընդունված խոսք է, և նրա հետ էլ երկու ավազակ են եղել։

― Տո քեզ պես հանրապետականին, ես քո ծծած կաթը։ Սրա խոսելուն նայեք, դոն այսինչ, դոն այնինչ։

― Այստեղ նրանց այդպես են ասել։

― Բայց ոչ ես։ Ես այդ cabron֊ներին։ Քո տիրոջը․․․ է՜, եկա՜վ, մեկն էլ եկա՜վ։

Ահա այդ ժամանակ մենք ականատես եղանք մի խայտառակ տեսարանի։ Ayuntamiento֊յի դռնից դուրս եկավ Դոն Ֆաուստինո Ռիվերոն՝ դոն Սելեստինո Ռիվերայի ավագ որդին։ Բարձրահասակ էր, մազերը խարտյաշ էին ու ետ սանրած։ Գրպանում միշտ սանր էր պահում, ամբողջ օրը աղջիկների էր սիրահետում, վախկոտ էր, և ամբողջ կյանքում երազել էր սիրող ցլամարտիկ դառնալ։ Մոտիկություն էր անում գնչուների, ցլամարտիկների ու ցլավաճառների հետ, անդալուզիական տարազ էր հագնում, բայց վախկոտ էր, և բոլորը ձեռ էին առնում նրան։ Մի անգամ հայտարարեցին, որ դոն Ֆաուստինոն սիրողական ցլամարտի է մասնակցելու և հասույթը տրվելու է Ավիլայի ծերանոցին։ Ասացին, որ անդալուզիական ձևով՝ ձի հեծած է սպանելու ցուլին։ Երկար ժամանակ մարզվել էր, բայց երբ տեսել էր, թե խոստացված փոքր, թույլ ցլի փոխարեն ինչպիսին են դուրս բերել իր դեմ, ասել էր հիվանդ է, ոմանք նույնիսկ պնդում են, թե երեք մատը կոխել էր կոկորդը, որպեսզի ետ տա։

Հիմա երբ երևաց, ամեն մեկն սկսեց մի բան գոռալ շարքերից։

― Hola, դոն Ֆաուստինո, այնպես արա, որ ետ չտաս։

― Լսի՛ր, դոն Ֆաուստինո, ասում են անդունդում գեղեցիկ աղջիկներ կան։

― Դոն Ֆաուստինո, մի րոպե սպասիր, հիմա քեզ մի այնպիսի ցուլ բերենք, այն մեկից էլ մեծ։

― Լսի՛ր, դոն Ֆաուստինո, ― գոռաց մեկը, դու մահվան մասին լսած կա՞ս։

Դոն Ֆաուստինոն կանգնած էր դեռ խիզախ կեցվածքով։ Քաջաբար դուրս գալու պահի ոգևորությունը տակավին չէր անցել։ Դա այն նույն ոգևորությունն էր, որով մի ժամանակ էլ ցլամարտի հայտարարությունն էր արել և հավատացել էր, որ կարող է սիրող֊մատադոր դառնալ։ Հիմա, դոն Ռիկարդոյի օրինակով, նա քաջ֊քաջ կանգնել էր և արհամարհանքով դեմքն էր ծամածռում։ Բայց խոսել չէր կարողանում։

― Դե արի, դոն Ֆաուստինո, ― կանչեց մեկը շարքերի միջից։ ― Մոտ արի, դոն Ֆաուստինո։ Արի տես, ամենամեծ ցուլն ենք բերել քեզ համար։

Դոն Ֆաուստինոն կանգնել ու նայում էր շուրջը, իսկ ես նայում էի նրան և մտածում, որ շարքերում ոչ մի հոգի չի գտնվի, որ խղճա նրան։ Նա դեռ շարունակում էր պահպանել խիզախ ու խրոխտ կեցվածքը։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ նա կարող էր առաջ գնալ միայն մեկ ուղղությամբ։

― Դոն Ֆաուստինո, ― կանչեց մեկը։ ― Այդ ինչի՞ ես սպասում, դոն Ֆաուստինո։

― Ուզում է ետ տալ, ― ասաց մեկ ուրիշը, և շարքերը ծիծաղեցին։

― Դոն Ֆաուստինո, ― կանչեց մի գյուղացի, ― եթե քեզ հաճելի է, ետ տուր, մի՛ քաշվիր։ Ես չեմ զզվում։

Դոն Ֆաուստինոն նայեց մարդկանց շարքերին, որ հրապարակով ձգվում էին մինչև քարափը, հետո նայեց քարափին, քարափի ետևում բացվող դատարկությանն ու արագ շրջվեց և գնաց դեպի Ayuntamiento֊յի մուտքը։

Շարքերը քրքրջացին, իսկ մեկը զիլ ձայնով գոռաց․

― Այդ ո՞ւր ես գնում, դոն Ֆաուստինո։ Ո՞ւր ես գնում։

― Գնում է սիրտը թափի, ― բացականչեց մեկ ուրիշը և նորից բոլորը ծիծաղեցին։

Քիչ անց դոն Ֆաուստինոն նորից երևաց։ Պաբլոն հրացանը մեջքին դեմ արած քշում էր նրան դեպի շարքերը։ Նախկին խրոխտ կեցվածքից ոչինչ չէր մնացել։ Շարքերի տեսքից կեցվածքն էլ էր չքացել, պահվածքն էլ, և հիմա Պաբլոն գցել էր նրան առաջն ու քշում էր, կարծես փողոցն ավլելիս լիներ։ Դոն Ֆաուստինոն հիմա արդեն խաչակնքում էր ու աղոթում, հետո ձեռքերը տարավ աչքերին և սկսեց աստիճաններից իջնել։

― Թողեք գնա, ― կանչեց մեկը։ ― Ձեռք չտաք։ ― Շարքերում կանգնածները հասկացան և ոչ ոք ձեռք չտվեց դոն Ֆաուստինոյին, ու նա, ցնցվող ձեռքերով աչքերը պահած և բերանը բաց ու խուփ անելով, քայլեց շարքերի միջով։

Ոչ ոք ձեռք չտվեց նրան, ոչ ոք ոչ մի խոսք չասաց։ Երբ ճանապարհի կեսը կտրել էր արդեն, չկարողացավ այլևս քայլել և ընկավ ծնկների վրա։

Ոչ ոք չխփեց նրան։ Ես քայլում էի շարքի կողքով ու հետևում էի նրան։ Մի գյուղացի կռացավ, օգնեց, որ ոտի կանգնի, և ասաց․

― Վեր կաց, դոն Ֆաուստինո, վեր կաց քայլիր։ Ցուլը դեռ չի եկել։

Դոն Ֆաուստինոն չէր կարողանում քայլել առանց օգնության։ Սև շապիկ հագած մի գյուղացի մոտեցավ նրան, սև շապիկով ու նախրապանի կոշիկներով մի ուրիշ գյուղացի էլ մյուս կողմից եկավ մոտիկ, բռնեցին դոն Ֆաուստինոյի թևերից ու սկսեցին քայլել նրան հետ շարքերի միջով։ Դոն Ֆաուստինոն անցնում էր շարքերի միջով, ձեռքերով փակել էր աչքերը, բերանն անընդհատ բաց ու խուփ էր անում, և արևի տակ շողշողում էին սղալած խարտյաշ մազերը։ Շարքերում կանգնած գյուղացիները այսպիսի խոսքեր էին ասում․ «Դոն Ֆաուստինո, buen provecho»։ Դոն Ֆաուստինո, բարի ախորժակ», «Դոն Ֆաուստինո, A sus ordenes։ Դոն Ֆաուստինո, հրամանքդ», «Դոն Ֆաուստինո, երկնքում այնքան գեղեցիկ աղջիկներ կան», մեկն էլ, որը նույնպես ձախողակ ցլամարտիկ էր եղել, ասաց․ «Դոն Ֆաուստինո, matador, a sus ordenes: Դոն Ֆաուստինո, մատադոր, հրամանքդ»։ Եվ երկու կողքերից ամուր պահած տանում էին դոմ Ֆաուստինոյին շարքերի միջով, իսկ նա ձեռքերով ծածկել էր աչքերը։ Բայց կարծում եմ, որ նա մատների արանքից նայում էր, որովհետև, երբ մոտեցան քարափին, նա նորից չոքեց, հետո պառկեց գետնին և ձեռքերով կառչեց հողին, խոտերին և գոռում էր․ «Ո՛չ։ Ո՛չ։ Ո՛չ։ Մի՛ արեք։ Խնդրում եմ։ Ո՛չ։ Խնդրում եմ։ Խնդրում եմ։ Ո՛չ։ Ո՛չ»։

Երկու գյուղացիները, որ թևերը մտած տանում էին նրան, և անդունդի եզրին հավաքվածներից մի քանի հոգի՝ առավել դաժանները, պպզեցին նրա ետևն ու քացով տվեցին֊գցեցին անդունդը, ոչ մի ծեծ չտվին, միայն մի բարձր ճչոց լսվեց, երբ ընկնում էր։

Դրանից հետո ես հասկացա, որ շարքերում կանգնած մարդիկ դարձել են դաժան, և դրա պատճառը նախ դոն Ռիկարդոյի հայհոյանքներն եղան, հետո էլ դոն Ֆաուստինոյի վախկոտությունը։

― Հաջորդին ուղարկեք, ― կանչեց մի գյուղացի, իսկ մեկ ուրիշ գյուղացի խփելով նրա ուսին ասաց․

― Ա՜յ, դոն Ֆաուստինո։ Ի՜նչ բան էր, է՛հ։ Ա՜յ, դոն Ֆաուստինո։

― Հիմա նա արդեն հանդիպել է ցուլին, ― ասաց մյուսը։ ― Հիմա սիրտ թափելն էլ չի օգնի։

― Կյանքումս, ― ասաց մյուս գյուղացին, ― կյանքումս այսպիսի բան, ոնց որ դոն Ֆաուստինոն, չեմ տեսել։

― Համբերի՛ր, դեռ ուրիշներ էլ կան, ― ասաց մյուս գյուղացին։ ― Դու չգիտես, թե դեռ ինչեր ենք տեսնելու։

― Կարող է հսկաներ էլ տեսնենք, թզուկներ էլ, ― ասաց առաջին գյուղացին, ― կարող է նեգրեր էլ լինեն, Աֆրիկայից բերած տեսակ֊տեսակ գազաններ էլ․ բայց դոն Ֆաուստինոյի նման բան էլ չի լինի, ինձ համար չի լինի, չի էլ եղել։ Բայց թող ուղարկեն։ Դե ուղարկե՛ք։ Հաջորդին ուղարկեք։

Հարբեցողները ֆաշիստների ակումբի բարը թալանել էին ու հիմա անիսոնի օղու և կոնյակի շշերը ձեռքից ձեռք էին փոխանցում, խմում էին, ոնց որ գինի խմես, շարքերում կանգնածներից շատերը նույնպես մի քիչ հարբած էին դոն Բենիտոյի, դոն Ֆեդերիկոյի, դոն Ռիկարդոյի և հատկապես դոն Ֆաուստինոյի հետ տեղի ունեցածից հետո։ Նրանք, ովքեր շշի խմիչք չէին ուզում, խմում էին տկերից, ինձ էլ մի տիկ փոխանցեցին, ել էլ մի լավ ումպ արեցի, շատ ծարավ էի, այնքան հաճելի էր, երբ սառը գինին կաշվե bota֊յից կոկորդովս սկսեց վար իջնել։

― Մարդ որ սպանում է, շատ է ծարավում, ― ասաց գինու տիկը տվող մարդը։

― Que va, ― ասացի, ― դու սպանե՞լ ես։

― Մենք չորս հոգու սպանեցինք, ― ասաց հպարտ֊հպարտ։ ― Civil֊ներին էլ չեմ հաշվում։ Իսկ ճի՞շտ է, Պիլար, որ մի civil֊ի դու ես սպանել։

― Ոչ, ― ասացի ես։ ― Երբ պատը փուլ եկավ, բոլորի հետ ես էլ կրակեցի ծխի ուղղությամբ։ Այդքան մի բան։

― Իսկ ատրճանակը որտեղի՞ց ես ձեռք գցել, Պիլար։

― Պաբլոն է տվել։ Civil֊ներին սպանելուց հետո տվեց ինձ։

― Այս ատրճանակո՞վ սպաեց։

― Հենց սրանով, ―ասացի։ ― Հետո էլ տվեց ինձ։

― Կարելի՞ է տեսնել, Պիլար։

― Ինչո՞ւ չէ, բարեկամ, ― ասացի ու մեջքիս կապած պարանի տակից հանեցի ատրճանակն ու մեկնեցի իրեն։

Ես մտածում էի, թե ինչու նոր մարդ չի գալիս, և այդ պահին հայտնվեց դոն Գիլյերլո Մարտինը։ Նրա խանութից էին մարդիկ վերցրել կալսաշղթաները, հովվի մահակներն ու փայտե եղանները։ Դոն Գիլյերմոն ֆաշիստ էր, բայց մարդիկ նրա դեմ ոչինչ չունեին։

Ճիշտ է, նա կալսաշղթաներ պատրաստողներին ցածր էր վճարում, բայց նաև էժան էլ ծախում էր, և եթե որևէ մեկը չցանկանար դոն Գիլյերմոյի խանութից գնել, կարող էր ինքը պատրաստել շատ չնչին փող ծախսելով՝ փայտի ու կաշվի համար։ Ա՛յ, մարդկանց հետ խոսել չգիտեր, կոպիտ էր, և շատ մոլեռանդ ֆաշիստ էր։ Ակումբի անդամ էր, ամեն օր, կեսօրին ու երեկոյան գալիս նստում էր ակումբի եղեգնյա աթոռներից մեկի վրա և «El debate» էր կարդում, կոշիկներն էր մաքրել տալիս, վերմուտ էր խմում ու զելտերյան ջուր, բոված նուշ էր ուտում, չորացրած խեցգետին ու խամսա։ Բայց այս բաների համար մարդ չեն սպանում, և համոզված եմ, եթե մինչ այդ դոն Ռիկարդո Մոնտալվոյի հայհոյանքները լսած ու դոն Ֆաուստինոյի արգահատելի ներկայացումը տեսած չլինեին ու դրանից էլ ավելի գրգռված ու հարբած, մեկնումեկը անպայման վեր կկենար ու կգոռար՝ «Եկե՛ք, ժողովուրդ, թողնենք դոն Գիլյերմոյին՝ թող իր համար հանգիստ գնա։ Շղթաներն առել ենք՝ հերիք է, թող գնա»։ Ախր մեր քաղաքի մարդիկ ինչքան դաժան են, նույնքան էլ բարի են և ի բնե արդարության ըմբռնում ունեն, ձգտում են շիտակ գործ անել։ Բայց դաժանությունը ու գինովությունը արդեն մտել էին նրանց մեջ, շարքերում կանգնած մարդիկ հարբել էին, կամ էլ հարբելու վրա էին, մի խոսքով, այն չէին, ինչ որ դոն Բենիտոյի դուրս գալու պահին։ Ես խմել սիրում եմ, և հազիվ թե մեկնումեկը ինձանից ավելի լավ գնահատի գինու պատճառած բավականությունը, բայց Իսպանիայում, ես չգիտեմ, թե ուրիշ երկրներում ինչպես է, Իսպանիայում գինովությունը, հատկապես եթե դա միայն գինու հետևանք չէ, եթե դրան ուրիշ տարրեր էլ են խառնվել, սարսափելի այլանդակ բանի է վերածվում, մարդիկ այնպիսի բաներ են անում, որ երբեք չէին անի։ Ձեր երկրում, Ingles, այդպես չէ՞։

― Այդպես է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Երբ ես յոթ տարեկան էի, մի անգամ մորս հետ հարսանիք էի գնացել Օհայո նահանգում, ես մի աղջկա հետ զույգ կազմած հարսանեկան ծաղիկներն էի տանելու․․․

― Դո՞ւ տարար, ― հարցրեց Մարիան։ ― Ինչ լա՜վ է։

― Այդ քաղաքում մի նեգրի կախեցին փողոցի լամպի սյունից ու վառեցին։ Լամպը ճախարակի վրա էր, սկզբում փորձում էին այդ մեխանիզմով բարձրացնել նեգրին, բայց պոկվեց․․․

― Նեգրի՞ն, ― ասաց Մարիան։ ― Ի՜նչ բարբարոսություն։

― Հարբա՞ծ էին, ― հարցրեց Պիլարը։ ― Այնպես էին հարբած, որ նեգրին վառո՞ւմ էին։

― Չգիտեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես պատուհանից էի նայում, մեր շենքը այդ սյունի հետ սուր անկյուն էր կազմում, վարագույրն էլ իջեցրած էր։ Փողոցում լիքը ժողովուրդ էր, և երբ երկրորդ անգամ բարձրացրին նեգրին․․․

― Եթե ընդամենը յոթ տարեկան ես եղել և այդ ամենը տեսել ես պատուհանից, ուրեմն հաստատ չես կարող ասել հարբած են եղել թե ոչ, ― ասաց Պիլարը։

― Ուրեմն, երբ երկրորդ անգամ բարձրացրին նեգրին, մայրս ինձ մի կողմ հրեց պատուհանից, և ես այլևս ոչինչ չտեսա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց այդ օրվա դեպքը ինձ համար ապացույց է, որ հարբածը իմ երկրում էլ նույնքան այլանդակ ու դաժան է, ինչքան ձեր երկրում։

― Դու շատ փոքր ես եղել, ընդամենը յոթ տարեկան, ― ասաց Մարիան։ ― Յոթը տարեկան հասակում այդպիսի բաներ տեսնել։ Ես միայն կրկեսում եմ նեգր տեսել։ Եթե մարոկցիներին նեգր չհաշվենք։

― Նրանցից ոմանք նեգր են, ոմանք՝ ոչ, ― ասաց Պիլարը։ ― Ես նրանց մասին շատ բան կարող եմ պատմել։

― Ես ավելի շատ կարող եմ պատմել, ― ասաց Մարիան։ ― Ինձանից շատ չես պատմի։

― Լավ, ուրիշ բանից խոսենք, ― ասաց Պիլարը։ ― Կարիք չկա տխուր խոսակցությունների։ Հա, որտե՞ղ էինք։

― Ասում էիր, որ շարքերում կանգնածներն արդեն հարբած էին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շարունակիր։

― Հարբած էին ասելը ճիշտ չէր լինի, ― ասաց Պիլարը, ― որովհետև մինչև իսկական հարբածությունը դեռ երկար ճանապարհ կար։ Բայց արդեն փոխվել էին, այդ փոփոխությունը շատ լավ զգացվում էր, երբ դոն Գիլյերմոն դուրս եկավ և կանգնեց աստիճանների գլխին։ Կարճատես, ալեխառն մազերով, միջահասակ դոն Գիլյերմոն՝ հագին մի շապիկ, որի օձիքը չկար, բայց ճարմանդը մնացել էր օղակի մեջ, կանգնեց, խաչ հանեց, հետո հազիվ առաջը տեսնելով, որովհետև ակնոցը չէր կարողացել վերցնել, սկսեց հանդարտ առաջ գնալ, նրա տեսքը խղճահարություն էր շարժում, բայց ինչ֊որ մեկը շարքերում կանգնածներից գոռաց․

― Այս կողմ, դոն Գիլյերմո, այս կողմ արի։ Այս ուղղությամբ։ Այստեղ բոլորիս մոտ էլ քո ապրանքներն են։

Դոն Ֆաուստինոյին որ այդպես հաջող ձեռ էին առել, համն ընկել էր բերանները, և հիմա արդեն չէին տեսնում, որ դոն Գիլյեմոն ուրիշ է, և եթե պետք է նրան սպանել, ապա պիտի սպանել արագ ու արժանապատվությունը պահելով։

― Դոն Գիլյերմո, ― կանչեց մեկը, ― ուզո՞ւմ ես առանձնատներիցդ ակնոցդ բերենք։

Դոն Գիլյերմոն առանձնատուն չուներ, նա հարուստ չէր, իսկ ֆաշիստ էր դարձել, որովհետև սնոբ էր, բացի այդ, նա դրանով նաև ինչ֊որ չափով իրեն մխիթարված էր զգում՝ թե ինչ անենք, որ ընդամենը փայտե գործիքների մի խանութ է ունեցածը։ Ֆաշիստ էր դարձել նաև այն պատճառով, որ կինը մոլեռանդ հավատացյալ էր և նրա սիրուց ինքն էլ իրեն պարտադրված էր զգում հավատացյալ լինելու։ Ապրում էր հրապարակից երեք տուն ներքև գտնվող շենքի բնակարաններից մեկում, և մինչ նա կանգնած կարճատես աչքերով նայում էր շարքերին, զույգ շարքին, որոնց միջև գիտեր որ պարտավոր է անցնել, նրա բնակարանի պատշգամբից մի կին ճչաց։ Իր կինն էր, որը պատշգաբից տեսնում էր իրեն։

― Գիլյերմո՛, ― կանչում էր կինը։ ― Գիլյերմո՛։ Սպասի՛ր, ես էլ եմ գալիս քեզ հետ։

Դոն Գիլյերմոն գլուխը շրջեց ձայնի ուղղությամբ։ Չէր կարողանում կնոջը տեսնել։ Փորձեց ինչ֊որ բան ասել, չկարողացավ։ Հետո ձեռքով արեց կնոջ ձայնի ուղղությամբ ու սկսեց քայլել շարքերի միջով։

― Գիլյերմո՛, ― կանչում էր կինը, ― Գիլյերմո՛, ա՜խ։ Գիլյերմո՛։ ― Նա կառչել էր պատշգամբի բազիրքից ու ամբողջ մարմնով ետ ու առաջ էր ընկնում։ ― Գիլյերմո՛։

Դոն Գիլյերմոն նորից ձեռքով արեց ձայնի ուղղությամբ ու քայլեց շարքերի միջով՝ գլուխը բարձր պահած, և հնարավոր չէր իմանալ, թե նա ինչ է զգում, եթե դեմքի գույնը չմատներ նրան։

Այդ պահին մի հարբած, կնոջ լացակումած ճիչի տնազն անելով, «Գիլյերմո՛» գոռաց։ Դոն Գիլյերմոն կույր֊կույր վրա քշեց, արցունքն իջնում էր այտերով, իսկ այդ մարդը շղթայով խփեց նրա երեսին, ու դոն Գիլյերմոն նստեց հարվածի ուժգնությունից, նստեց ու լացեց, բայց վախից չէր, որ լալիս էր։ Հարբածները խփում էին ու խփում, մեկը ցատկեց, նստեց ուսերին ու սկսեց շշով հարվածել։ Այդ տեսարանից հետո շատերը թողեցին ու դուրս եկան շարքերից, նրանց տեղը հարբածները բռնեցին, նրանք, որ մինչ այդ Ayuntamiento֊յի պատուհանների տակ բարբաջում ու կեղտոտ֊կեղտոտ դուրս էին տալիս։

Երբ Պաբլոն guardia civil֊ներին գնդակահարեց, ես շատ ծանր ապրումներ ունեցա։ Շատ ստոր բան էր, բայց այն ժամանակ ես մտածեցի, որ եթե պետք է, որ այսպես լինի, ուրեմն պետք է այսպես լինի, և, ի վերջո, այնտեղ դաժանություն չկար, միայն այն էր, որ մարդկանց կյանքն էր խլվում, բայց այս վերջին տարիներին մենք բոլորս էլ արդեն հասկացանք, որ չնայած դա ստոր բան է, բայց անհրաժեշտություն է, եթե ուզում ենք հաղթել ու պահպանել Հանրապետությունը։

Սկզբում, երբ հրապարակը փակեցին և շարքերը կազմեցին, ևս հիացած էի Պաբլոյի մտահղացումով և պատկերացնում էի, թե ինչ ֆանտաստիկական բան է լինելու, որ ամեն ինչ արվելու է ճաշակով և ոչ մի զզվանք առաջացնող բան չի լինի։ Եվ իսկապես, եթե ֆաշիստները պետք է մահապատժի ենթարկվեն, ապա ճիշտն այն կլիներ, որ բոլորն էլ մասնակցեին դրան, և ես ինքս էլ ուզում էի բոլորի նման մասնակցել դրան, որպեսզի իրավունք ունենայի հետագայում, երբ քաղաքը մերը դառնար, օգուտներից էլ բաժին վերցնելու։ Բայց դոն Գիլյերմոյից հետո ամոթ ու նողկանք զգացի, մանավանդ երբ հարբածներն ու խուժանները եկան֊լցվեցին շարքերը, իսկ մյուս մարդիկ որպես բողոքի նշան հեռացան։ Չուզեցի այլևս շարքերում մնալ, հեռացա, կտրեցի֊անցա հրապարակը և նստեցի նստարանին, մի մեծ ծառի ստվերի տակ։

Շարքերից դուրս եկած երկու գյուղացի զրուցելով անցնում էին կողքովս, մեկը դարձավ ինձ ու հարցրեց․

― Ի՞նչ է եղել, Պիլար։

― Ոչինչ, բարեկամս, ― ասացի։

― Մի բան եղել է, ― ասաց նա։ ― Խոսի՛ր, ի՞նչ ունես։

― Ինձ թվում է, որ կուշտ ու կռուշտ եմ այս ամենից, ― ասացի ես։

― Մենք էլ, ― միաբերան ասացին նրանք ու նստեցին նստարանին։ Մեկի ձեռքին գինու տիկ կար, երկարեց ինձ։

― Վերցրո՛ւ, ողողի՛ր բերանդ, ― ասաց, իսկ մյուսը, երևի, շարունակեց իրենց կիսատ խոսակցությունը։

― Ամենից վատն այն է, ― ասաց նա, ― որ այս բանը մեր գլխին դժբախտություն է բերելու։ Ես չեմ հավատում, որ այսպիսի բաները, ոնց որ դոն Գիլյերմոն այդ ձևով սպանելը, հենց այնպես կանցնի, ո՛չ, մեր գլխին դժբախտություն է գալու։

Հետո մյուսը խոսեց։

― Եթե անհրաժեշտ է բոլորին սպանելը, ― ասաց նա, ― թեև ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է, ապա թող պարզապես սպանեն, առանց ծաղրուծանակի։

― Ֆաուստինոյին որ ծաղրուծանակով սպանեցին, դեռ կարելի է արդարացնել, ― ասաց մյուսը, ― որովհետև նա միշտ էլ խեղկատակի մեկն էր, երբեք լուրջ մարդ չի եղել։ Բայց դոն Գիլյերմոյի պես լուրջ մարդուն ծաղրելը անարդար բան էր։

― Ես կուշտ ու կռուշտ եմ, ― ասացի և ճիշտ էի ասում, զգում էի, որ ներսս տակնուվրա է լինում, արտինքը տալիս է վրաս, սիրտս խառնում է, կարծես նեխած ձուկ կուլ տված լինեի։

― Վե՛րջ, ― ասաց գյուղացիներից մեկը, ― սրանից հետո էլ ոչ մի բանի չենք մասնակցի։ Հետաքրքիր է, տեսնես մյուս քաղաքներում ի՞նչ է լինում։

― Հեռախոսալարերը դեռ չեն վերանորոգել, ― ասացի։ ― Դա լավ չէ, պետք է մի բան անեն։

― Անպայման, ― ասաց նա։ ― Երևի ճիշտը քաղաքի պաշտպանությունը կազմակերպելն է, և ոչ թե մարդկանց կոտորելը, այն էլ այսպես դանդաղ ու դաժան ձևով։

― Ես գնամ Պաբլոյի հետ խոսեմ, ― ասացի ես ու վեր կացա նստարանից և կամարաշարի տակով գնացի դեպի Ayuntamiento֊յի դուռը։ Այդտեղից ձգվում էին շարքերը, բայց դրանք արդեն խառնվել էին, ինչքան հարբած կար, լցվել էր այդտեղ։ Հրապարակում երկու հարբած կռնակի վրա ընկել էին գետնին, ձեռքերին մի շիշ կար, մեկ մեկն էր շիշը գլխին քաշում, մեկ՝ մյուսը։ Մեկի վզին կարմիր ու սև թաշկինակ էր կապված։ Սա ամեն անգամ, որ մի կում էր անում, գոռում էր՝ «Viva la Anarguia»։[37] Մյուսը «Viva la Libertad»[38] էր գոռում ու ոտները վեր ու վար գցում, հետն էլ մի ձեռքով կարմիր ու սև թաշկինակն էր թափահարում, մյուսով՝ շիշը։

Մի գյուղացի, որը շարքերից հեռացել էր ու եկել կանգնել էր կամարաշարի ստվերին, զզվանքով նայեց նրանց ու ասաց․

― Ճիշտ կանեին, եթե «Կեցցե հարբեցողությունը» գոռային։ Սրանք միայն դրան են հավատում։

― Սրանք դրան էլ չեն հավատում, ― ասաց մի ուրիշ գյուղացի։ ― Սրանք ոչ մի բան չեն հասկանում և ոչ մի բանի չեն հավատում։

Ճիշտ այդ պահին հարբածներից մեկը ոտքի կանգնեց և երկու ձեռքերը գլխավերևում թափ տալով գոռաց․

― Կեցցե անարխիան, կեցցե ազատությունը, ես Հանրապետության կաթի մեջ։

Մյուս հարբածը, որը դեռ պառկած էր կռնակի վրա, բռնեց գոռգոռացողի կրնկից ու տապալեց, սկսեցին իրար հետ թավալ գալ գետնին, հետո նստեցին, տապալողը թևը գցեց գոռգոռացողի վզովը, շիշը երկարեց նրան, համբուրեց նրա վզի կարմիր ու սև թաշկինակը և սկսեցին փոխնիփոխ խմել շշից։

Այդ պահին գոռգոռոցներ լսվեցին շարքերից, կամարաշարից չէր երևում, թե ով է գալիս, որովհետև Ayuntamiento֊յի առջև այնպես էին խռնվել, որ դուրս եկողի դեմքը ծածկվել էր։ Միայն այնքան տեսա, որ Պաբլոն ու Cuatro Dedos֊ը մեկին առաջները գցած հրացաններով քշում էին։ Իսկ թե ո՞ւմ, չէր երևում, դրա համար էլ գնացի դռան կողմը, որտեղ շարքերն առաջ էին եկել ու խռնվել։

Հիմա արդեն միայն հրմշտոց էր, ֆաշիստների սրճարանի բոլոր սեղաններն ու աթոռները շուռ էին տրված, բացի մի սեղանից, որի վրա մի հարբած էր պառկած՝ գլուխը կախ ընկած և բերանը բաց։ Մի աթոռ վերցրեցի, հենվեցի կամարաշարի սյուներից մեկին ու բարձրացա վրան։ Հիմա ամբոխի գլխների վրայով ամեն ինչ տեսնում էի։

Պաբլոն ու Cuatro Dedos֊ը դոն Անաստասիո Ռիվասին էին քշում։ Մոլի ֆաշիստ էր, և մեր քաղաքի ամենաչաղ մարդն էր։ Հացահատիկի առևտուր էր անում, մի քանի ապահովագրական ընկերությունների գործակալ էր, բացի այդ վաշխով փող էր տալիս և մեծ տոկոսներ էր վերցնում։ Աթոռի վրա կանգնած ես տեսնում էի, թե ինչպես նա աստիճաններով իջավ ու գնաց դեպի շարքերը։ Վերնաշապկի օձիքի տակից չաղ վիզը դուրս էր պրծել, ճաղատ գլուխը փայլում էր արևի տակ։ Շարքերի միջով նա չանցավ։ Մի գոռոց բարձրացավ, առանձին գոռգոռոցներ չէին, ընդհանուր, միասնական գոռոց էր։ Այլանդակ աղմուկ էր, հարբած շարքերը ճչում էին, բոլորը գոռում էին, և բոլորը միասին խուժեցին դոն Անաստասիոյի վրա, նա գլուխն առավ ձեռքերի մեջ ու ընկավ գետին։ Ես նրան արդեն չէի տեսնում, որովհետև բոլորը թափվել էին վրան։ Երբ ետ քաշվեցին, դոն Անաստասիոն մեռած էր, գլուխը ջախջախել էին կամարաշարի հատակի սալերին խփելով։ Շարքեր այլևս չկային, խաժամուժ էր միայն։

― Ներս գնանք, ― սկսեցին գոռգոռալ։ ― Գնանք մենք դուրս բերենք դրանց։

― Շատ ծանր է, չեմ կարողանում քարշ տալ, ― ասաց մի մարդ դոն Անաստասիոյի դիակի համար։ ― Ի՞նչ անեմ, թող այստեղ էլ մնա։

― Պե՞տք է որ այդ թափանի տակառը մեկ էլ մինչև քարափ քարշ տանք։ Թող այստեղ էլ պառկի։

― Ներս գնանք ու հենց այնտեղ էլ վերջ տանք դրանց, ― գոռաց մեկը։ ― Գնացինք։ Գնացինք ներս։

― Ի՞նչ ենք ամբողջ օրն սպասում արևի տակ, ― բղավեց մեկ ուրիշը։ ― Վեր կացեք։ Գնանք ներս։

Խաժամուժն սկսեց շտապել դեպի կամարաշարը։ Ճչում էին, հրմշտում իրար, հիմա արդեն գազանի նման աղմկում էին ու գոռում անընդհատ․ «Բացե՛ք։ Դռները բացե՛ք»։ Երբ շարքերը խառնվել էին, Պաբլոն Ayuntamiento֊յի դռները ներսից փակել էր։

Աթոռին կանգնած ես նայում էի, թե ինչ է կատարվում Ayuntamiento֊յի ներսում։ Այնտեղ ամեն ինչ առաջվա նման էր։ Քահանան կանգնել էր, մյուսները կիսաշրջան կազմած նրա դիմաց ծնկաչոք աղոթում էին։ Պաբլոն նստել էր սեղանին, քաղաքապետի բազկաթոռի դեմուդեմը, ոտները կախվել էին սեղանից, հրացանը գցել էր թիկունքին, սիգարետ էր ծխում։ Cuatro Dedos֊ը նստել էր քաղաքապետի բազկաթոռին, ոտքը դրել էր սեղանին ու ծխում էր։ Պահակները հրացանները ձեռքներին նստել էին սենյակի տարբեր անկյուններում դրված աթոռների վրա։ Մուտքի դռան բանալին Պաբլոյի կողքին էր, սեղանի վրա։

Խաժամուժը մի հանգի գոռում էր, ոնց որ երգ ասեր՝ «Բացե՛ք։ Բացե՛ք։ Բացե՛ք»։ Իսկ Պաբլոն նստել էր իր համար, կարծես չէր էլ լսում։ Հետո քահանային մի բան ասաց, բայց խաժամուժի աղմուկից ոչինչ չլսեցի։

Քահանան էլի առաջվա նման ոչինչ չպատասխանեց ու շարունակեց իր աղոթքը։ Հրմշտում էին ինձ ամեն կողմից, ես էլ աթոռը ոտքիս հետ քարշ էի տալիս, բերին֊կպցրին պատին, տեսա պատուհանի առաջն եմ, կառչեցի ճաղերից։ Մեկ էլ մի հարբած թռավ֊կանգնեց աթոռի վրա, ձեռքերը թևերիս վրայով գցեց ու բռնեց լուսամուտի երկու կողքի ճաղերից։

― Ի՞նչ ես անում, աթոռը կջարդվի, ― ասացի։

― Ջարդվում է ջարդվի, ― ասաց։ ― Դու դրանց նայիր, դրանց։ Տես ոնց են աղոթում։

Շնչում են ուղիղ ծոծրակիս, վրայից նույն հոտն էր փչում, ինչ ամբողջ խաժամուժից՝ թթված գինու ու փսխուկի, հետո ձգվեց, ուսերիս վրայով բերանը մոտեցրեց ճաղերին ու սկսեց գոռգոռալ․ «Բացե՛ք․ բացե՛ք»։ Ինձ թվում էր, որ ամբողջ խաժամուժն է կանգնած թիկունքիս, կարծես երազում լինեի ու սատանան լիներ թիկունքիս։

Հիմա արդեն այնպես էին սեղմվել դռան դեմ, որ առջևում կանգնածները ճզմվում էին, այդ պահին սև շապիկով մի հսկա, հարբած, վզին կարմիր ու սև մի թաշկինակ կապած եկավ ու իրեն գցեց խռնված ամբոխի վրա ու ընկավ, հետո բարձրացավ ու նորից իրեն գցեց նրանց թիկունքին ու բացականչեց․ «Կեցցեմ ես, կեցցե անարխիան»։ Հայացքով հետևում էի նրան։ Դռան մոտից հեռացավ, գնաց նստեց հատակին, մի շիշ հանեց ու սկսեց խմել, մեկ էլ նկատեց դոն Անաստասիոյին, որը երեսնիվայր դեռ պառկած էր սալահատակին և բոլորը տրորելով անցնում֊դառնում էին վրայով։ Հարբածը վեր կացավ, մոտեցավ դոն Անաստասիոյին, կռացավ վրան ու սկսեց շշի օղին լցնել նրա գլխին, շորերին, հետո գրպանից լուցկու մի տուփ հանեց և վառեց, որպեսզի կրակ տա դիակը։ Մի քանի անգամ փորձեց, բայց լուցկիներն հանգում էին, որովհետև ուժեղ քամի էր բարձրացել։ Հարբած հսկան նստեց դոն Անաստասիոյի կողքին, գլուխը թափ տալով սկսեց խմել շշից և երբեմն֊երբեմն թփթփացնել մեռածի ուսերը։

Այդ ամբողջ ժամանակ խաժամուժը գոռում էր, որ դռները բացեն։ Իմ աթոռին կանգնած մարդը ամուր կառչել էր ճաղերից ու ոռնում էր ականջիս տակ, փչում վրաս։ Ես հայացքս շրջեցի դոն Անաստասիոյին կրակ տալ փորձող հարբածից ու նորից նայեցի, թե ինչ է կատարվում Ayuntamiento֊յում։ Ամեն ինչ նույնն էր։ Շարունակում էին աղոթել, բոլորը ծնկաչոք, շապիկների կոճակները քանդած, մի քանիսը գլուխները հակած, մյուսները՝ հայացքներն ուղղած վերև՝ քահանային, իսկ քահանան, արագ֊արագ, բայց ընգծված արտասանելով աղոթքի բառերը, նայում էր նրանց գլխի վրայով ինչ֊որ տեղ, Պաբլոն նստել էր սեղանին, աղոթողների թիկունքին, սիգարետը վառած, հրացանը ուսից կախ գցած, ճոճում էր ոտներն ու դռան բանալու հետ խաղում։

Քիչ անց Պաբլոն կռացավ և նորից ինչ֊որ բան ասաց քահանային, բայց գոռգոռոցի պատճառով ոչինչ չկարողացա լսել։ Քահանան չպատասխանեց նրան և շարունակեց աղոթքը։ Հետո կիսաշրջան կազմած աղոթողներից մեկը վեր կացավ, որ դուրս գա։ Դոն Խոսե Կաստրոն էր, որին բոլորը դոն Պեպե էին ասում, համոզված ֆաշիստ էր, ձիերի առևտրով էր զբաղվում։ Փոքրամարմին դոն Պեպեն թեև սափրված չէր ու հագին էլ զոլավոր շալվարի մեջ մտցրած պիժամա էր, կոկիկ տեսք ուներ։ Քահանան օրհնեց նրան, նա համբուրեց խաչը, նայեց Պաբլոյին ու գլխով ցույց տվեց դուռը։

Պաբլոն գլուխը թափ տվեց և շարունակեց ծխել։ Դոն Պեպեն ինչ֊որ բան ասաց Պաբլոյին, բայց ես չլսեցի։ Պաբլոն չպատասխանեց։ Նա պարզապես նայեց դռան կողմն ու գլուխը թափ տվեց։

Դոն Պեպեն աչքերը հառեց դռանը, ես հասկացա, որ նա չգիտեր, որ դուռը կողպված է։ Պաբլոն նրան ցույց տվեց բանալին, նա մի պահ ուշադիր նայեց դրան, հետո շրջվեց և գնաց նորից ծնկի եկավ։ Ես տեսա, որ հիմա էր քահանան զարմացած նայեց Պաբլոյին, իսկ Պաբլոն քմծիծաղեց ու ցույց տվեց բանալին, քահանան երևի հասկացավ արդեն, որ դուռը կողպված է և գլուխը թափ տվեց, ո՛չ, պարզապես գլուխը կախեց և շարունակեց աղոթել։

Չեմ հասկանում, թե այդ ինչպես էր եղել, որ նրանք չէին իմացել դռան կողպելը։ Մի՞թե այդքան տարված էին իրենց աղոթքով ու մտքերով։ Բայց երևի հիմա հասկացել էին, պետք է որ այդ գոռգոռոցներից հասկացած լինեին, որ արդեն ամեն ինչ փոխվել է։ Սակայն շարունակում էին մնալ ոնց որ առաջ։

Գոռգոռոցներն այնպես էին ուժեղացել, որ ոչինչ չէր լսվում, իմ աթոռին կանգնած հարբածն այնքան ցնցեց ճաղերն ու «բացեք, բացեք» բղավեց, որ ձայնը քաշվեց։

Պաբլոն նորից ինչ֊որ բան ասաց քահանային, քահանան դարձյալ չպատասխանեց։ Պաբլոն հրացանը ուսից ցած առավ և կոթով թփթփացրեց քահանայի ուսին։ Քահանան ուշադրություն չդարձրեց, Պաբլոն գլուխը թափ տվեց, հետո շրջվեց և ուսի վրայով ինչ֊որ բան ասաց Cuatro Dedos֊ին, սա էլ պահակներին, և բոլորը միասին գնացին ու հրացանները պահած կանգնեցին սենյակի հեռավոր անկյունում։

Պաբլոն Cuatre Dedos֊ին դարձյալ ինչ֊որ բան ասաց, և ես տեսա, որ նա երկու սեղան ու մի քանի նստարան քաշեց ու դրեց իրենց առաջը և սենյակի անկյունում պատնեշի նման մի բան սարքվեց։ Պաբլոն կռացավ այդ պատնեշի վրայով և հրացանով նորից թփթփացրեց քահանայի ուսին։ Քահանան այս անգամ էլ ուշադրություն չդարձրեց, բայց դոն Պեպեն նայեց Պաբլոյին։ Պաբլոն նրան գլխի շարժումով ցույց տվեց բանալին։ Դոն Պեպեն հասկացավ և գլուխը կախեց ու սկսեց արագ֊արագ աղոթել։

Պաբլոն ոտը բարձրացրեց, թռավ սեղանի վրայից, գնաց նստեց քաղաքապետի աթոռին և սկսեց սիգարետ փաթաթել։ Փաթաթում էր ու նայում ֆաշիստներին և քահանային, որոնք շարունակում էին աղոթել։ Նրա դեմքի արտահայտությունից հնարավոր չէր իմանալ, թե ինչ է մտածում։ Բանալին դրել էր դիմացը, սեղանին։ Երկաթե, մեծ բանալի էր, մոտ մեկ ոտնաչափ։ Պահակներին ինչ֊որ բան ասաց Պաբլոն, չկարողացա լսել, պահակներից մեկը գնաց դռան մոտ։ Ֆաշիստներն աղոթում էին, հիմա արդեն ավելի ու ավելի արագ։ Ես հասկացա, որ նրանց համար ամեն ինչ պարզ է դարձել։

Պաբլոն քահանային մի բան ասաց, բայց քահանան չպատասխանեց։ Պաբլոն ձգվեց, վերցրեց բանալին ու գցեց դռան մոտ կանգնած պահակին։ Պահակը օդում բռնեց բանալին, և Պաբլոն ժպտաց նրան։ Պահակը բանալին մտցրեց կողպեքի անցքի մեջ, պտտեցրեց, ետ քաշեց դուռն ու կանգնեց ետևը։ Ամբոխը ներս խուժեց։

Ներս խուժեցին, և այդ պահին իմ աթոռին կանգնած հարբածը գլուխը երկարեց ու սկսեց գոռալ․ «Տվե՛ք, տվե՛ք, տվե՛ք»։ Սպանե՛ք դրանց։ Սպանե՛ք։ Փետո՛վ, գլխների՛ն։ Սպանե՛ք»։ Հետո թևերով ինձ մի կողմ հրեց, և ես այլևս ոչինչ չէի կարողանում տեսնել։

Արմունկով խփեցի փորին ու ասացի․ «Հարբածի մեկը, սա ո՞ւմ աթոռն է։ Թող ես էլ տեսնեմ։

Բայց սա երկու ձեռքով բռնել էր ճաղերը, ցնցում էր ու գոռում․ «Սպանեք դրանց։ Փետով, փետով։ Այդպես։ Տվեք։ Սպանեք դրանց։ Cabrones: Cabrones: Cabrones»։

Նորից արմունկով ուժեղ խփեցի ու ասացի․ «Cabron: Հարբեցող։ Թող ես էլ տեսնեմ։

Մեկ էլ երկու ձեռքը դրեց գլխիս, ամբողջ ծանրությամբ ընկավ վրաս, որպեսզի ինձ հրի֊գցի ցած ու ավելի լավ տեսնի, և շարունակեց գոռալ․ «Տվե՛ք դրանց։ Այդպե՛ս։ Փետո՛վ»։

«Այ քեզ տվեք ասացի և ուժեղ խփեցի այն տեղին, որտեղի ցավից խեղճանում են, և խեղճացավ, ձեռները քաշեց գլխիս վրայից, բռնեց խփածս տեղն ու ասաց․ «No hay derecho, mujer: Իրավունք չունես այդպիսի բան անելու, կին»։ Իսկ ես ճաղերի արանքից ներս նայեցի։ Լիքը մարդ էր սրահում, ճոճում էին մահակները, խփում էին շղթաներով, հարվածներ էին, որ թափում էին, փայտե սպիտակ եղանները խրում էին ու հասներ, դրանք արդեն կարմրել էին, սուր ծայրերը ջարդոտվել էին, ամբողջ սրահում նույն բանն էր կատարվում, իսկ Պաբլոն նստել էր իր հսկայական բազկաթոռին, հրացանը դրել էր ծնկներին ու դիտում էր, և ամբոխը գոռում էր, խփում, խոցում, մորթում, հրդեհի բոցերի մեջ ընկած ձիերի նման վրնջում։ Տեսա քահանային, փեշերն հավաքած բարձրանում էր մի նստարանի վրա, իսկ նրանք մանգաղներով ընկել էին ետևից, մեկը բռնեց փեշից, մի ճիչ լսվեց, հետո էլի մի ճիչ, և ես տեսա, որ երկու հոգի ետևից մանգաղներով մորթոտում են նրան, երրորդը բռնել էր փարաջայի փեշից, իսկ քահանան ձեռքերը երկարել է և փորձում է դիմացի բազկաթոռի թիկնակից կառչել։ Այդ պահին ոտիս տակի աթոռը ջարդվեց, և ես ու կողքիս հարբածը ընկանք մայթին, որից գինու և փսխուկի հոտ էր փչում, իսկ հարբածը մատը թափ տալով վրաս ասում էր․ «No hay derecho, mujer, no Hay derecho: Դու կարող էիր ինձ հաշմանդամ դարձնել»։ Մարդիկ մեզ տրորելով գնում էին Ayuntamiento, ես տեսնում էի միայն դեպի դուռը շարժվող սրունքներ և դեմս նստած հարբածին, որը զույգ ձեռքերով բռնել էր խփծս տեղը։

Այդպես վերջացավ ֆաշիստների կոտորածը մեր քաղաքում, և ես ուրախ եմ, որ այդ հարբածի պատճառով այդքանը միայն տեսա։ Հարբածի արածը լավություն դուրս եկավ, որովհետև այն, ինչ կատարվեց Ayuntamiento֊յում, տեսնելու բան չէր։

Բայց այն մյուս հարբածը սրանից էլ այլանդակ էր։ Աթոռի ջարդվելուց հետո, երբ վեր կացանք, մարդիկ դեռ դեպի Ayuntamiento էին վազում, իսկ հրապարակում այն կարմիր ու սև վզկապով հարբածը նորից սկսել էր դոն Անաստասիոյի վրա ինչ֊որ բան լցնել։ Գլուխը մեկ այս, մեկ այն կողմ էր ընկնում, հազիվ էր կարողանում նստած մնալ, բայց էլի շարունակում էր օղին լցնել ու լուցկիները վառել, լցնել ու լուցկիները վառել։ Մոտեցա դրան ու ասացի․

― Ի՞նչ ես անում, անամո՛թ։

― Nada, mujer, nada, ― ասաց։ ― Ինձ մենակ թող։ Այդ պահին, չգիտեմ ոնց եղավ, գուցե ես էի պատճառը, որ քամու դեմը կտրել էի, լուցկին չհանգավ։ Դոն Անաստասիոյի շապիկը բռնկվեց, կապույտ բոցը ուսի տակից և թիկունքով բարձրացավ դեպի վիզը։ Հարբածը գլուխը բարձրացրեց ու ամեհի ձայնով գոռաց․ «Մեռածներին վառում են։ Մեռածներին վառում են»։

― Ո՞վ, ― ասաց մեկը։

― Որտե՞ղ, ― բացականչեց մեկ ուրիշը։

― Այստեղ, ― բառաչեց հարբածը։ ― Հենց այստեղ։ Ինչ֊որ մեկը շղթան բարձրացրեց և հարվածեց ուղիղ հարբածի գլխին։ Սա ընկավ կռնակի վրա, նայեց խփողին, հետո փակեց աչքերը, ձեռքերը խաչեց կրծքի վրա և պառկեց դոն Անաստասիոյի կողքին, կարծես քուն մտած լիներ։ Այդպես էլ մինչև իրիկուն պառկած մնաց այդտեղ։ Երեկոյան, երբ սկսեցին Ayuntamiento֊ն մաքրել, դոն Անաստասիոյին էլ դրեցին սայլակի վրա ու մյուսների հետ տարան քարափից ցած գցեցին։ Քաղաքի համար շատ ավելի օգտակար կլիներ, եթե այդ հարբեցողներից մի քասն֊երեսուն հոգու, հատկապես այդ կարմիր ու սև վզկապավորներին, անդունդը գցեին։ Եթե մեկ էլ հեղափոխություն լինի, ես կարծում եմ, որ դրանց առաջին իսկ օրը պետք է ոչնչացնել։ Բայց այն ժամանակ մենք այդ բանը չգիտեինք։ Հետագայում էինք իմանալու։

Այդ գիշեր մենք չգիտենք, թե դեռ ինչեր են լինելու։ Ayuntamiento֊յի կոտորածից հետո էլ ոչ մեկին չսպանեցին, բայց միտինգն էլ չկայացավ, որովհետև հարբածները չափից դուրս շատ էին։ Հնարավոր չէր կարգուկանոն հաստատել, միտինգը հետաձգեցինք հաջորդ օրվան։

Այդ գիշեր Պաբլոյի հետ քնեցի։ Ես սա քեզ պետք չէ որ ասեի, guapa, բայց մյուս կողմից էլ լավ է, որ դու ամեն ինչ իմանաս, և, վերջապես, ինչ որ ասում եմ, ճշմարտություն է։ Այս մեկը լավ լսիր, Ingles: Սա շատ հետաքրքիր է։

Այդպես, ուրեմն, այդ իրիկուն նստած ընթրում էինք, և շատ հետաքրքիր վիճակ էր։ Այնպես էր, ոնց որ փոթորկից, հեղեղից կամ կռվից հետո։ Բոլորը հոգնած էին, ոչ մեկը չէր ուզում խոսել։ Ես էլ լավ չէի, կարծես դատարկված լինեի, ամոթ էի զգում, թվում էր, թե սխալ եմ գործել, ճնշվում էի, այնպիսի զգացողություն ունեի, որ ահա, ուր որ է, աղետը վրա է հասնելու։ Այս առավոտ էլ, երբ ինքնաթիռներն անցան, նույն բանն զգացի։ Եվ, իրոք, երեք օրից հետո աղետը վրա հասավ։

Պաբլոն ընթրելիս շատ քիչ խոսեց։

― Դուր եկա՞վ քեզ, Պիլար, ― հարցրեց վերջապես ուլի տապակած միսը ծամելով։ Ընթրում էինք ավտոբուսների վերջին կանգառի մոտ գտնվող պանդոկում, սենյակը լեփ֊լեցուն էր, մարդիկ երգում էին, մատուցողները դժվարությամբ էին գլուխ հանում։

― Ո՛չ, ― ասացի։ ― Եթե դոն Ֆաուստինոյին մի կողմ դնենք, մնացածը դուր չեկավ։

― Ինձ դուր եկավ, ― ասաց նա։

― Ամեն ի՞նչ։

― Ամեն ինչ, ― ասաց ու հացի մի մեծ կտոր կտրեց դանակով և սկսեց սրբել սոուսը։ ― Ամեն ինչ, բացի քահանայից։

― Ո՞նց թե, քահանայի հետ արածները քեզ դուր չեկա՞ն։ ― Ախր ես գիտեի, որ նա քահանաներին ավելի շատ է ատում, քան ֆաշիստներին։

― Հիասթափեցրեց ինձ այդ քահանան, ― տխուր ասաց Պաբլոն։

Մեր շուրջն այնքան բարձր էին երգում, որ մենք համարյա գոռում էինք իրար լսելու համար։

― Ինչո՞ւ։

― Շատ վատ մեռավ, ― ասաց Պաբլոն։ ― Արժանապատվությունը չպահպանեց։

― Ո՞նց էր արժանապատվությունը պահպանելու, երբ խաժամուժն ընկել էր ետևից, ― ասացի ես։ ― Բայց կարծեմ մինչև այդ պահը նա մեծ արժանապատվությամբ էր իրեն պահում։ Դրանից ավելի արժանապատվությամբ առհասարակ դժվար է ասել, թե որևէ մեկը կկարողանար իրեն պահել։

― Ճիշտ ես, ― ասաց Պաբլոն։ ― Բայց վերջին րոպեին վախեցավ։

― Իսկ ո՞վ չէր վախենա, ― ասացի ես։ ― Տեսա՞, թե ինչերով էին ընկել ետևից։

― Ինչո՞ւ չտեսա, ― ասաց Պաբլոն։ ― Բայց դարձյալ ասում եմ՝ վատ մեռավ։

― Այդպիսի հանգամանքներում ով էլ լինի, վատ կմեռնի, ― ասացի ես։ ― Դուր չի եկել։ Փո՞ղ էիր տվել, որ դժգոհում ես։ Դե իմացի՛ր, այն, ինչ կատարվեց Ayuntamiento֊յում, նողկալի էր։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Անկարգություններ եղան։ Բայց նա քահանա էր։ Նա պետք է օրինակ ծառայեր։

― Իսկ ինձ թվում էր, թե դու ատում ես քահանաներին։

― Այո, ատում եմ, ― ասաց Պաբլոն և մի կտոր էլ հաց կտրեց։ ― Բայց նա իսպանացի քահանա էր։ Իսպանացի քահանան պետք է լավ մեռնի։

― Ես կարծում եմ, որ բավական լավ մեռավ, ― ասացի ես։ ― Այն վիճակում, որ նա էր գտնվում, ինչ ձևականությունների մասին է խոսքը։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ ― Նա ինձ շատ հիասթափեցրեց։ Ես ամբողջ օրը քահանայի մահվանն էի սպասել։ Ես մտածում էի, որ բոլորից հետո նա է անցնելու շարքերի միջով։ Ինչպիսի անհամբերությամբ էի սպասում այդ տեսարանին։ Ո՜նց էի պատկերացնում։ Ախր ես երբեք չէի տեսել, թե ինչպես է մեռնում քահանան։

― Ժամանակ շատ կա, ― ասացի չարախնդալով։ ― Պատերազմի առաջին օրն էր դա։

― Ո՛չ, ― ասաց նա։ ― Հիասթափվեցի։

― Երևի, ― ասացի ես, ― սրանից հետո այլևս աստծուն չես հավատա։

― Չես հասկանում դու, Պիլար, ― ասաց Պաբլոն։ ― Ախր նա իսպանացի քահանա էր։

― Ի՞նչ մի ժողովուրդ են որ իսպանացիները, ― ասացի ես։ Ի՜նչ մի հպարտանալու ժողովուրդ են, հը՞, Ingles: Ի՞նչ ժողովուրդ են։

― Պետք է վեր կենանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նայեց արևին։ ― Շուտով կեսօր է։

― Այո՛, ― ասաց Պիլարը։ ― Հիմա կգնանք։ Բայց մի բան էլ պատմեմ Պաբլոյի մասին։ Այդ գիշեր նա ասաց․

― Պիլա՛ր, արի այս գիշեր ոչ մի բան չանենք։

― Լավ, ― ասացի։ ― Իմ էլ սրտով է։

― Ինձ թվում է, որ այսքան մարդ սպանելուց հետո անպարկեշտ բան կլինի։

― Que va, ― ասացի։ ― Ի՜նչ սուրբն ես։ Կարծում ես իզո՞ւր եմ այդքան տարի ցլամարտիկների հետ ապրել, կարծում ես չգիտե՞մ, թե նրանք corrida֊յից հետո ինչ վիճակում են լինում։

― Ճի՞շտ ես ասում, Պիլար, ― հարցրեց նա։

― Երբևէ ստե՞լ եմ քեզ, ― ասացի։

― Ճիշտ ես, Պիլար, ես այս գիշեր բոլորովին տղամարդ չեմ։ Մի՛ մեղադրիր։

― Չէ, hombre, չեմ մեղադրում, ― ասացի նրան։ ― Բայց, Պաբլո՛, ամեն օր մարդ սպանելու կարիք չկա։

Նա այդ գիշեր քնեց մանկան քնով, շատ ուշ արթնացրեցի նրան, երբ արդեն լավ լուսացել էր, իսկ ես չկարողացա քնել, վեր կացա, նստեցի բազկաթոռին ու պատուհանից դուրս նայեցի։ Լուսնի լույսի տակ ես տեսնում էի, փայլփլող ծառերը և նրանց մութ ստվերները գետնի վրա, նստարանները, հատակին ընկած շշերի շողշողացող կտորտանքները, իսկ ավելի հեռվում՝ քարափը, որտեղից բոլորին ցած էին գցել։ Ոչ մի ձայն չէր լսվում, բացի շատրվանի ջրի գլգլոցից։ Ես նստել էի այդտեղ ու մտածում էի, որ վատ ենք սկսել։

Պատուհանը բաց էր, հրապարակի վերևի կողմից՝ Ֆոնդայից, կանացի լացի ձայն լսեցի։ Դուրս եկա պատշգամբ, բոբիկ ոտներով կանգնեցի երկաթյա հատակին, հրապարակի բոլոր շենքերի ճակատները լուսավորված էին լուսնի լույսով, ձայնը գալիս էր դոն Գիլյելմոյի տան պատշգամբից։ Կինն էր, ծնկի էր եկել պատշգամբի հատակին ու լալիս էր։

Վերադարձա սենյակ, նստեցի և փորձեցի ազատվել մտքերից։ Դա իմ կյանքի ամենավատ օրն էր։ Հետագայում մի ուրիշն էլ եղավ։

― Իսկ դա ե՞րբ եղավ, ― հարցրեց Մարիան։

― Երեք օր հետո, երբ ֆաշիստները գրավեցին քաղաքը։

― Մի՛ պատմիր դրա մասին, ― ասաց Մարիան։ ― Չեմ ուզում լսել։ Այս մեկը բավական է։ Այս մեկն էլ արդեն չափից շատ էր։

― Ասացի, չէ՞, կարիք չկար, որ դու լսեիր, ― ասաց Պիլարը։ ― Տեսնո՞ւմ ես, ես չէի ուզում, որ դու լսես։ Հիմա վատ երազներ ես տեսնելու։

― Ոչ, չեմ տեսնի, ― ասաց Մարիան։ ― Բայց այլևս չեմ ուզում լսել։

― Ես ուզում եմ, որ ինձ պատմես, հետո, երբ ժամանակ լինի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Կպատմեմ, ― ասաց Պիլարը։ ― Բայց Մարիային պետք չէ։

― Չեմ ուզում լսել, ― աղիողորմ ձայնով ասաց Մարիան։ ― Խնդրում եմ, Պիլար։ Եթե ես ներկա լինեմ, մի՛ պատմիր, որովհետև կլսեմ, կլսեմ հակառակ իմ կամքին։

Աղջկա շրթունքները դողդողում էին, և Ռոբերտ Ջորդանին թվաց, թե նա լաց է լինելու։

― Խնդրում եմ, Պիլար, մի՛ պատմիր։

― Մի՛ անհանգստանա, խուզած աղջիկ, ― ասաց Պիլարը։ ― Մի՛ անհանգստանա։ Կպատմեմ Ingles֊ին, երբ որ առիթ լինի։

― Բայց ես ուզում եմ միշտ նրա կողքին լինել, ― ասաց Մարիան։ ― Պիլար, մի՛ պատմիր, երբե՛ք չպատմես։

― Երբ դու գործ անելիս կլինես, այն ժամանակ էլ կպատմեմ։

― Ո՛չ։ Ո՛չ։ Խնդրում եմ։ Եկեք դրա մասին երբեք չխոսենք, ― ասաց Մարիան։

― Քանի որ մեր արածները պատմեցի, նրանցն էլ պիտի պատմեմ, թե չէ անարդար բան կլինի, ― ասաց Պիլարը։ ― Բայց դու չես լսի։ Երբե՛ք։

― Ի՞նչ է, ոչ մի հաճելի բան չկա՞, որ խոսենք, ― ասաց Մարիան։ ― Միշտ սարսափների՞ց ենք խոսելու։

― Այսօր կեսօրից հետո դու և Ingles֊ը, երկուսով, կարող եք խոսել ինչ ցանկանաք։

― Ուրեմն թող այդ կեսօրից հետոն շուտ գա, ― ասաց Մարիան։ ― Թող թևեր առնի գա։

― Կգա, ― ասաց Պիլարը։ ― Թևեր կառնի կթռչի֊կգա, նույն ձևով էլ կգնա, վաղվա օրն էլ կթռչի, վաղվա օրն էլ։

― Այս կեսօրից հետո, ― ասաց Մարիան։ ― Այս կեսօրից հետո։ Թող շուտ գա այս կեսօրից հետոն։

Գլուխ տասնմեկերորդ

Սարահարթից իջան անտառապատ մի հովիտ, քայլեցին գետակի երկայնքով ձգվող արահետով, հետո թեքվեցին, բարձրացան զառիթափ լանջն ի վեր և դուրս եկան մի ապառաժոտ բարձունքի գագաթը։ Կարաբինը ձեռքին մի մարդ ծառի ետևից ելավ ու կանգնեց նրանց դիմացը։

― Կանգնեք, ― ասաց նա։ ― Hola, Պիլար։ Այդ ո՞վ է հետդ։

― Ingles֊ն է, ― ասաց Պիլարը։ ― Բայց անունը քրիստոնյայի է՝ Ռոբերտո։ Այս ինչ զզվելի զառիթափ է։

― Salud camarada, ― ասաց ժամապահը Ռոբերտ Ջորդանին և մեկնեց ձեռքը։ ― Լա՞վ ես։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ դո՞ւ։

― Նույնպես, ― ասաց ժամապահը։ Փխրուն, նիհար, արծվաքիթ, ցցուն այտերով ու մոխրագույն աչքերով մի պատանի էր։ Գլխաբաց էր, մազերը սև էին ու գզգզված, ձեռքի ամուր սեղմումի մեջ սրտալի մի բան կար, նույնը և աչքերի մեջ։

― Ողջույն, Մարիա, ― ասաց աղջկան։ ― Չե՞ս հոգնել։

― Que va, Խոակին, ― ասաց աղջիկը։ ― Ճանապարհին այնքան ենք նստել ու զրուցել։ Ավելի շատ նստել ենք, քան քայլել։

― Դինամիտավո՞րն ես, ― հարցրեց Խոակինը։ ― Լսել էինք, որ եկել ես։

― Գիշերը Պաբլոյի մոտ էինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այո, դինամիտավորն եմ։

― Ուրախ ենք, որ եկել ես, ― ասաց Խոակինը։ ― Գնա՞ցք է լինելու։

― Վերջին գնացքին դո՞ւ էլ ես մասնակցել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը և ժպտաց։

― Ոնց չէ։ Սրան այնտեղից ճարեցինք, ― ասաց Խոակինն ու աչքով արեց Մարիային։ ― Հիմա արդեն գեղեցկուհի ես, ― ասաց աղջկան։ ― Ասե՞լ են, որ գեղեցիկ ես։

― Շնորհակալ եմ, Խոակին, բայց ավելի լավ է լռես, ― ասաց Մարիան։ ― Լավ էլ գեղեցիկ կլինես այսպիսի խուզած գլխով։

― Շալակած տարել եմ քեզ, ― ասաց Խոակինը աղջկան։ ― Ո՜նց եմ ուսերիս առած տարել։

― Ոնց որ շատ֊շատերը, ― ասաց Պիլարը ցածրաձայն։ ― Ո՞վ չի շալակել նրան։ Ծերուկը որտե՞ղ է։

― Ճամբարում։

― Երեկ գիշեր որտե՞ղ էր։

― Սեգովիայում։

― Նորություններ կա՞ն։

― Այո, ― ասաց Խոակինը։ ― Կան։

― Լավ թե՞ վատ։

― Կարծեմ վատ։

― Ինքնաթիռները տեսա՞ր։

― Օ՜, ― ասաց Խոակինն ու տարուբերեց գլուխը։ ― Դրանց անունը մի՛ տուր։ Ընկեր դինամիտավոր, դրանք ի՞նչ ինքնաթիռներ էին։

― Ռմբակոծիչները «Հայնքել 1-11» էին, կործանիչները՝ «Ֆիատ» և «Հայնքել», ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Այն մեծ, ցած թևերով ինքնաթիռներն ի՞նչ էին։

― «Հայնքել 1-11»։

― Ինչ անուն էլ ունենան, միևնույն է, վատ է, ― ասաց Խոակինը։ ― Բայց ես ձեզ ուշացնում եմ։ Գնանք, տանեմ հրամանատարի մոտ։

― Հրամանատա՞ր, ― հարցրեց Պիլարը։

― Խոակինը գլխի շարժումով հաստատեց։

― Ինձ դա ավելի է դուր գալիս, քան «առաջնորդը», ― ասաց նա։ ― Ավելի ռազմական է։

― Դու լրիվ ռազմականանում ես, ― ասաց Պիլարն ու ծիծաղեց։

― Չէ, ― ասաց Խոակինը։ ― Բայց ռազմական տերմիններն ինձ դուր են գալիս, որովհետև հրամանները ավելի հստակ են տրվում, և կարգապահության համար դա լավ է։

― Քո ճաշակի մարդ հայտնվեց, Ingles, ― ասաց Պիլարը։ ― Սա շատ լուրջ տղա է։

― Շալակե՞մ, ― ասաց Խոակինն աղջկան և ձեռքը դրեց նրա ուսին ու ժպտաց։աա

― Ինչքան շալակել ես, բավական է, ― ասաց աղջիկը։ ― Դրա համար էլ եմ շնորհակալ։

― Իսկ դու հիշո՞ւմ ես, ― հարցրեց Խոակինը աղջկան։

― Հիշում եմ, որ ինձ շալակած տանում էին, ― ասաց Մարիան։ ― Քո շալակելը չեմ հիշում։ Գնչուին հիշում եմ, որովհետև մի քանի անգամ գցեց։ Բայց շնորհակալ եմ քեզանից, Խոակին, մի օր էլ ես կշալակեմ քեզ։

― Իսկ ես բավական լավ եմ հիշում, ― ասաց Խոակինը։ ― Հիշում եմ, որ բռնել էի երկու սրունքներդ, փորի վրա ընկել էիր ուսիս, գլուխդ կպել էր մեջքիս, ձեռքերդ կախվել էին ցած։

― Լավ հիշողություն ունես, ― ասաց Մարիան ու ժպտաց։ ― Ես ոչինչ չեմ հիշում։ Ո՛չ թևերդ, ո՛չ ուսերդ, ո՛չ էլ մեջքդ։

― Ուզո՞ւմ ես մի բան ասեմ, ― հարցրեց Խոակինը աղջկան։

― Ի՞նչ։

― Ես ուրախ էի, որ դու մեջքիս վրա կախ էիր ընկել, երբ կրակում էին իմ ետևից։

― Ա՛յ քեզ խոզ, ― ասաց Մարիան։ ― Դրա համար է, հա՞, գնչուն ինձ այդքան շատ շալակել։

― Դրա համար, մեկ էլ սրունքներիդ։

― Հերոսներս, ― ասաց Մարիան։ ― Սա էլ իմ փրկարարները։

― Լսի՛ր, guapa, ― ասաց Պիլարը աղջկան։ ― Այս տղան քեզ շատ է շալակել։ Իսկ քո սրունքներն այն ժամանակ ոչ մեկի էլ միտքը չէին։ Այն ժամանակ բոլորի գլխում միայն կրակոցների ձայնն էր։ Եվ ինչքան շուտ քեզ ցած գցեր, այնքան շուտ կպրծացներ գլուխը գնդակներից։

― Ես շնորհակալ եմ իրենից, արդեն ասացի։ Մի օր էլ ես կշալակեմ իրեն, ― ասաց Մարիան։ ― Թո՛ղ կատակենք, Պիլար։ Լա՞ց լինեմ հիմա, որ ինձ շալակել է։

― Ես այն ժամանակ ցած կգցեի, ― շարունակեց ձեռ առնել Խոակինը աղջկան, ― բայց վախեցա՝ Պիլարը գնդակահարի ինձ։

― Ես ոչ ոքի չեմ գնդակահարել, ― ասաց Պիլարը։

― No hace falta, ― ասաց Խոակինը։ ― Դու դրա կարիքը չունես։ Դու լեզվով կարող ես սպանել։

― Դու այդ ո՞նց ես խոսում, ― ասաց Պիլարը։ ― Կարգին քաղաքավարի մանչուկ էիր։ Պատերազմից առաջ ի՞նչ էիր անում, մանչո՛ւկ։

― Շատ փոքր էի, ի՞նչ պիտի անեի, ― ասաց Խոակինը։ ― Տասնվեց տարեկան։

― Բայց ինչ, ճիշտը։

― Երբեմն֊երբեմն մի զույգ կոշիկ։

― Սարքո՞ւմ էիր։

― Ոչ։ Փայլեցնում։

― Que va, ― ասաց Պիլարը։ ― Բայց դրանից բացի էլի ինչ֊որ բան արած կլինես։ ― Նա նայեց տղայի թուխ դեմքին, փխրուն մարմնին, մազերի դեզին և արագ քայլքին․ նա նախ կրունկն էր դնում հատակին, հետո ոտի մատները։ ― Իսկ ինչպե՞ս եղավ, որ ձախողվեցիր։

― Ի՞նչ ձախողվել։

― Ի՞նչ։ Դու գիտես թե ինչ։ Հիմա էլ ես խոպոպներ պահում։

― Երևի վախն էր պատճառը, ― ասաց տղան։

― Մարմինդ հիանալի է, ― ասաց Պիլարը։ ― Դեմքդ այնքան էլ չէ։ Ուրեմն ասում ես վախն էր, հա՞։ Բայց գնացքի ժամանակ լավ էիր, ոնց որ պետք էր։

― Հիմա արդեն չեմ վախենում, ― ասաց տղան։ ― Բոլորովին։ Այնքան սարսափելի ու վտանգավոր բաներ տեսանք, որ ցուլն ի՞նչ։ Պարզ բան է, ոչ մի ցուլ էլ գնդացրից վտանգավոր չէ, բայց էլի հաստատ չեմ կարող ասել՝ ծնկներս տակիս չե՞ն ծալվի, եթե հիմա հրապարակում մեն֊մենակ մնաց ցուլի հետ։

― Ցլամարտիկ է ուզեցել դառնալ, ― բացատրեց Պիլարը Ռոբերտ Ջորդանին, ― բայց վախեցել է։

― Դու ցլամարտ սիրո՞ւմ ես, ընկեր դինամիտավոր, ― հարցրեց Խոակինը և ժպտաց՝ ցույց տալով սպիտակ ատամները։

― Շատ եմ սիրում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շա՜տ շատ։

― Վալլադոլիդում տեսե՞լ ես, ― հարցրեց Խոակինը։

― Այո՛։ Սեպտեմբերին, տոնավաճառի ժամանակ։

― Իմ քաղաքն է, ― ասաց Խոակինը։ ― Ի՜նչ հիանալի քաղաք է, բայց այդ քաղաքի buena gente ― լավ մարդիկ ինչպիսի՜ տառապանքներ կրեցին այս պատերազմի օրերին։ ― Նրա դեմքը մռայլվեց։ ― Նրանք հորս գնդակահարեցին։ Եվ մորս։ Եվ փեսայիս, հիմա էլ քրոջս։

― Բարբարոսնե՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Քանի֊քանի անգամ է արդեն նման պատմություններ լսում։ Քանի֊քանի անգամ է արդեն նկատում, թե ինչպիսի դժվարությամբ են մարդիկ այդ մասին խոսում, ինչպես են նրանց աչքերը լցվում, կոկորդները սեղմվում, երբ ասում են հայրս, եղբայրս, մայրս, քույրս։ Մարդիկ մեծ մասամբ այդպես են հիշել իրենց սպանված հարազատներին, մոտավորապես ոնց որ հիմա այս տղան, հանկարծակի, իրենց քաղաքը հիշելիս, խոսել են նաև այդ մասին, և ինքն էլ միշտ նույն բանն է կրկնել՝ «Բարբարոսներ»։

Հարազատների կորուստի մասին դու միայն հայտարարություններ ես լսել։ Դու չես տեսել հոր մահը, այնպես, ինչպես ֆաշիստների մեռնելը տեսար այսօր, երբ գետակի ափին Պիլարը այդ պատմություններն էր անում։ Իմացել ես, որ հորը սպանել են ինչ֊որ բակում, ինչ֊որ պատի տակ, կամ էլ հանդում, բանջարանոցում, գիշերը՝ ավտոմեքենաների ցոլարձակների լույսի տակ, ճանապարհի եզրին։ Բլուրների հեռվից տեսել ես ավտոմեքենաների լույսերը, լսել ես համազարկերի ձայները, հետո իջել ես ու ճանապարհի եզրին գտել ես դիակները։ Դու չես տեսել, թե ինչպես են սպանել մորը, ոչ էլ քրոջը, ոչ էլ եղբորը։ Այդ մասին միայն լսել ես։ Լսել ես կրակոցները, տեսել ես դիակները։

Պիլարն իր քաղաքի դեպքերը պատմելիս տեսնել տվեց դա։

Եթե այդ կինը գրել կարողանա՜ր։ Ինքը կփորձի գրել, եթե բախտ վիճակվի ու կարողանա հիշել և գրի առնել այնպես, ինչպես պատմեց նա։ Աստված իմ, այդ ո՜նց էր պատմում։ Քևեդոյից լավ, մտածեց նա։ Ինչ֊որ դոն Ֆաուստինոյի մահը Քևեդոն այնպես չէր պատկերի, ինչպես այդ կինն արեց։ Եթե ես այդ պատմությունը կարողանայի՜ լավ գրել, մտածեց նա։ Այն, ինչ մենք ենք արել։ Ոչ թե այն, ինչ մեզ են արել։ Դա բավական լավ գիտեր։ Թշնամու թիկունքում այդ մասին շատ բան էր իմացել։ Բայց որպեսզի մարդկանց ճանաչես, պետք է իմանաս, թե առաջ ինչ են եղել նրանք։ Պետք է իմանաս, թե իրենց գյուղերում ինչ են եղել։

Մեր գործն այնպիսին է, որ անընդհատ շարժման մեջ ենք եղել․ եկել ենք, մեր անելիքն արել ու պատժից խուսափելու համար թողել արագ հեռացել, երբեք չենք տեսել, թե ինչ վախճան են ունեցել մեր սկսած գործերը, մտածեց նա։ Դու եկել ես ու պատսպարվել ես մի գյուղացու հարկի տակ։ Եկել ես գիշերով, ընթրել ես նրանց հետ։ Ցերեկը թաքնվել ես, մութն ընկել է՝ գնացել ես։ Գործդ արել ես ու հեռացել։ Հաջորդ անգամ եկել ես ու իմացել, որ այդ մարդկանց գնդակահարել են։ Այդպես պարզ ու հասարակ։

Բայց այդ գնդակահարությունները եղել են միշտ քո բացակայությամբ։ Պարտիզանները պայթեցրել են, քանդել են ու հեռացել։ Գյուղացիները մնացել են ու պատիժը կրել։ Ես առաջ էլ գիտեի, թե պատերազմի առաջին օրերին ինչեր ենք մենք նրանց արել, մտածեց նա։ Իմացել եմ ու ատել եմ այդ ամենը, տեսել եմ նաև, թե ինչպես են ոմանք անամոթաբար պարծեցել, հպարտացել, ուրիշներ ամաչելով փորձել են արդարացնել, բացատրել, հերքել։ Բայց այդ նզովյալ կինը այնպես նկարագրեց, որ տեսնում էի, կարծես այնտեղ լինեի։

Դե ինչ, մտածեց նա, դա էլ է հարկավոր համակողմանի կրթության համար։ Երբ այս ամենն ավարտվի, կտեսնես, որ բավական լավ կրթություն ես ստացել։ Եթե լսել իմանաս, այս պատերազմի ընթացքում շատ բան կսովորես։ Անշուշտ հիմա էլ արդեն դու շատ բան գիտես։ Բախտդ բերել է, որ պատերազմից առաջ շուրջ մի տասնամյակ ամեն տարի մի որոշ շրջան ապրել ես Իսպանիայում։ Քեզ վստահել են հիմնականում լեզվի պատճառով։ Վստահել են, որովհետև կատարելապես հասկանում ես ամեն ինչ, տիրապետում ես խոսակցական լեզվին և ծանոթ ես երկրի տարբեր շրջաններին։ Թեև, վերջին հաշվով, իսպանացին միայն իր գյուղին է իրոք հավատարիմ, բայց կա մի կարգ, որ նա երբեք անտես չի առնում, այն է՝ նախ Իսպանիան, հետո իր ցեղակիցները, հետո իր գավառը, հետո իր գյուղը, իր ընտանիքը, վերջապես, իր արհեստը։ Եթե իսպաներեն գիտես, իմացիր, որ քո նկատմամբ նա արդեն լավ է տրամադրված, եթե բացի այդ, եղել ես նաև գավառում, առավել ևս, իսկ եթե գյուղն ու արահետն էլ են քեզ ծանոթ, ուրեմն դու այնքան յուրային ես, ինչքան կարող է լինել օտարերկրացին։ Քեզ համար իսպաներենը երբեք օտար լեզու չի եղել, մտածում էր Ռոբերտ Ջորդանը, դրա համար էլ, մեծ մասամբ, նրանք քեզ հետ որպես օտարականի չեն վերաբերվել։ Եղել են դեպքեր, երբ շուռ են եկել քո դեմ։ Անշուշտ եղել են։ Հաճախ են եղել, բայց ում դեմ էլ ասես կարող են նրանք շուռ գալ։ Իրենք իրենց դեմ էլ են շուռ գալիս։

Լավ չէր այս ձևով մտածելը։ Բայց ո՞վ էր նրա մտքերն ստուգում։ Ինքը և միայն ինքը։ Չէր կարծում, որ այդ մտքերը կարող են իրեն բերել հասցնել պարտվողականության։ Մենք պատերազմը պետք է շահենք, գլխավորը սա է։ Եթե մենք պատերազմը չշահենք, ամեն ինչ կորած է։ Բայց նա ամեն ինչ նշում էր, ամեն ինչ լսում և հիշողության մեջ պահում։ Նա զինվոր էր, և պետք է հավատարմությամբ ծառայեր ու լիովին կատարեր իր պարտքը։ Բայց ոչ ոք չի կարող արգելել իրեն, որ իր սեփական մտքերն ունենա, չի կարող զրկել տեսնելու և լսելու ընդունակությունից, իսկ ինչ վերաբերում է դատողություններին ու եզրակացություններին, դա արդեն հետագայի գործ է։ Դատողությունների ու եզրակացությունների համար նյութ շատ կա։ Երբեմն նույնիսկ թվում է, թե չափից շատ կա։

Նայիր թեկուզ այդ կնոջը՝ Պիլարին, մտածեց նա։ Ինչ ուզում է լինի, եթե ժամանակ եղավ, այդ պատմության շարունակությունը պատմել եմ տալու նրան։ Նայիր, թե ոնց է քայլում, այդ երկու մանկիկների հետ։ Դրանցից ավելի չքնաղատես երեք ծնունդ չես գտնի ողջ Իսպանիայում։ Կինը կարծես սար լինի, իսկ աղջիկն ու տղան՝ դալար ծառեր։ Ծերացած բոլոր ծառերը տապալվել են, իսկ երիտասարդներն աճում են՝ այսպես առողջ։ Ի հեճուկս այն ամենի, ինչ պատահել է նրանց, հիմա երկուսն էլ առողջ, թարմ, ջահել ու անաղարտ տեսք ունեն, կարծես երբեք և ոչ մի դժբախտության շորշոփ չի դիպել նրանց։ Պիլարն ասում է, սակայն, որ Մարիան վերջերս է միայն իրեն գտել։ Երևի ահավոր վիճակում է եղել։

Հիշեց բելգիացի մի տղայի, Տասնմեկերորդ բրիգադից, որն իրենց գյուղացի հինգ տղաների հետ կամավոր եկել էր Իսպանիա։ Այդ գյուղն ընդամենը երկու երկու հարյուր բնակիչ է ունեցել, իսկ տղան մինչև այդ երբեք դուրս եկած չի եղել գյուղի սահմաններից։ Առաջին անգամ այդ տղային տեսել էր Հանսի Բրիգադային շտաբում։ Հինգ ընկերներն էլ սպանվել էին։ Տղան շատ վատ վիճակում էր։ Նրան բերել էին, որ ճաշարանում սպասարկի։ Խարտյաշ, ֆլամանդացու լայն ու կարմիր երեսով, գյուղացու անշնորհք ու խոշոր ձեռքերով այդ տղան այնպես էր ամաններով ետ ու առաջ անում ճաշարանում, կարծես ծանրաքարշ ձի լիներ։ Անընդհատ լալիս էր։ Ճաշը մատուցելու ողջ ընթացքում լուռ լալիս էր։

Երբ էլ գլուխդ բարձրացնեիր ու նայեիր, կտեսնեիր, որ լալիս է։ Գինի էիր խնդրում, լալիս էր, ամանդ էիր մեկնում, որ միս լցնի, լալիս էր ու գլուխը շրջում։ Հետո մի պահ դադարում էր, բայց բավական էր, որ նայեիր իրեն, նորից սկսում էին արցունքներն հոսել։ Մինչև երկրորդ ճաշատեսակը մատուցելու պահը խոհանոցում էր լալիս։ Բոլորն էլ շատ քնքշորեն էին վերաբերվում հետը։ Բայց ոչինչ չէր օգնում։ Տեսնես ի՞նչ եղավ, գտա՞վ իրեն, նորից պիտանի դարձա՞վ զինվորական ծառայության համար։

Մարիան հիմա լավ է։ Համենայն դեպս այդպես է թվում։ Դե ինքը հոգեբույժ չէ։ Հոգեբույժը Պիլարն է։ Հավանաբար երկուսի համար էլ լավ էր, որ գիշերն իրար հետ անցկացրին։ Այո՛, եթե ամեն ինչ դրանով էլ չվերջանա։ Իր համար, ոչ մի խոսք, որ լավ էր։ Հիանալի է զգում այսօր՝ առողջ, ամուր, անհոգ ու երջանիկ։ Կամրջի գործը երևում է բավական վատ է լինելու, բայց դե ինքը ահավոր բախտավոր է։ Եղել են ավելի վատ լինելու խոստումներով գործեր, լինելու խոստումներով։ Իսպաներեն է մտածում արդեն։ Բայց ինչ սքանչելի է Մարիան։

Նայի՛ր, ասաց ինքն իրեն, նայի՛ր, տե՛ս։

Նա նայեց աղջկան, որը խակի գույնի վերնաշապկի վիզը բացած՝ ուրախ֊ուրախ ոստոստում էր արևի շողերի մեջ։ Ոնց որ մտրուկը թռչկոտի, մտածեց նա։ Դու երբեք այդպես ընդառաջ չես գնա որևիցե բանի։ Այսպիսի բան քիչ է պատահում։ Գուցե երբեք էլ չի պատահել, մտածեց նա։ Գուցե երազ էր, ցնորք, այդպիսի բան չի եղել երբեք։ Գուցե սա էլ այն երազներից է, երբ կինոնկարներում տեսած կանանցից մեկն ու մեկը գալիս է գիշերով և այնպես քնքուշ ու այնպես անուշ մտնում է անկողինդ։ Նա այդ ձևով բոլորի հետ քնել է։ Հիմա էլ տակավին հիշում է Գարբոյին, Հարլոուին։ Այո, Հարլոուն շատ է եկել։ Գուցե սա էլ է այդպիսի մի երազ։

Հիմա էլ տակավաին հիշում է, թե ինչպես Գարբոն Պոսոբլանկայի գրոհին նախորդող գիշերը, հագին մետաքսի նման փափուկ մի բրդյա սվիտեր, եկավ ու մտավ իր անկողինը, գրկեց իրեն, և երբ կռացավ իր վրա, մազերը թափվեցին երեսին, ու հարցրեց, թե ինչո՞ւ ոչ մի անգամ չի ասել, որ սիրում է իրեն։ Նա բոլորովին ամոթխած չէր, ոչ էլ սառն ու հեռավոր մի էակ։ Այնպես անուշ էր, այնպես քնքուշ, այո, այնպես անուշ, ինչպես մի ժամանակ Ջեկ Գիլբերտի հետ, և այդ ամենը այնքան իրական էին, և ինքն այնպիսի՜ սիրով սիրեց Գարբոյին, ավելի ուժեղ, քան Հարլոուին, չնայած Գարբոն միայն մի անգամ էր եկել, մինչդեռ Հարլոուն․․․ Գուցե սա էլ նման մի երազ է։

Գուցեև երազ չէ, ասաց ինքն իրեն։ Գուցե մոտենամ հիմա և ձեռ տամ այդ Մարիային, ասաց ինքն իրեն։ Գուցե վախենո՞ւմ ես այդ բանն անել, վախենում ես հանկարծ պարզվի, որ ոչինչ էլ չի պատահել, որ դա ճիշտ չէր, որ դա էլ էր ցնորք, և նա եկել է քո մոտ ճիշտ այնպես, ինչպես գալիս էին կինոնկարների դերասանուհիներն ու քո հին սիրուհիները և քնում քեզ հետ այդ ննջապարկում՝ չոր գետնին, մարագներում, ախոռներում, corral֊ներում ու cortijo[39]֊ներում, անտառներում, գարաժներում, բեռնատարների թափքերին, ողջ Իսպանիայի սարերում։ Նրանք բոլորն էլ գալիս էին ու մտնում այդ ննջապարկը, երբ նա քնած էր լինում, և միշտ էլ ավելի քնքուշ էին, քան եղել են իրականում։ Գուցե սա էլ էր այդպես։ Գուցե վախենում ես դիպչել և ստուգել իրական էր, թե ոչ։ Հնարավոր է, որ սա էլ երազ լինի, լինի քո ցնորքներից։

Մոտեցավ աղջկան ու ձեռքը դրեց թևին։ Մաշված շապիկի վրայից մատների տակ զգաց ողորկ մաշկը։ Աղջիկը նայեց իրեն ու ժպտաց։

― Ողջո՛ւյն, Մարիա, ― ասաց։

― Ողջո՛ւյն, Ingles, ― պատասխանեց աղջիկը, և Ռոբերտ Ջորդանը տեսավ նրա շիկա֊շագանակագույն դեմքը, դեղնա֊մոխրագույն աչքերը, ժպտացող հուռթի շուրթերն ու արևավառ շատ կարճ մազերը, և աղջիկը գլուխը բարձրացրեց, նայեց իր աչքերի մեջ ու ժպտաց։ Ուրեմն, ճիշտ էր, իրականություն էր։

Հասել էին Էլ Սորդոյի ճամբարը։ Սոճուտի սահմանին էր, մի կողի վրա շրջված կոնքի նմանվող ձորում։ Այս կրաքարերի մեջ երևի քարայրներ են, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Հենց դեմուդեմը երկու քարայր կար։ Ժայռերի արանքում աճած սոճիների ետևում քարայրները չէին նկատվում։ Սա եթե Պաբլոյի ճամբարից լավ չէ, ապա վատ էլ չէ, մտածեց նա։

― Պատմի՛ր տեսնեմ, ոնց են գնդակահարել հարազատներիդ, ― հարցրեց Պիլարը Խոակինին։

― Ի՞նչ պատմեմ, կին, ― ասաց Խոակինը։ ― Մերոնք ձախ էին, ոնց որ շատերը Վալլադոլիդում։ Երբ ֆաշիստներն սկսեցին քաղաքը մաքրել, նախ հորս գնդակահարեցին։ Սոցիալիստներին էր քվե տվել։ Հետո մորս գնդակահարեցին։ Նա էլ էր քվեն նրանց տվել։ Կյանքում առաջին անգամ էր քվերարկել։ Դրանից հետո քրոջս ամուսնուն գնդակահարեցին։ Տրամվայի վարորդների սինդիկատի անդամ էր։ Ուզեր֊չուզեր պիտի անդամ լիներ, թե չէ ով կթողներ, որ տրամվայ վարի։ Բայց քաղաքականությունից հեռու մարդ էր։ Նրան ես լավ գիտեի։ Եթե կուզես նույնիսկ մի քիչ էլ անամոթ էր։ Ոչ էլ լավ ընկեր էր։ Կարծում եմ։ Մյուս քրոջս ամուսինը նույնպես տրամվայի վրա էր, նա քաշվեց սարերը, ոնց որ ես։ Ֆաշիստները մտածեցին, որ քույրս տեղը գիտի։ Բայց նա չգիտեր։ Տեսան, որ չի ասում, քրոջս գնդակահարեցին։

― Բարբարոսնե՛ր, ― ասաց Պիլարը։ ― Որտե՞ղ է Էլ Սորդոն։ Այս ինչո՞ւ չի երևում։

― Այստեղ է։ Ներսն է երևի, ― պատասխանեց Խոակինը, հետո մի պահ լռեց, հրացանի կոթը դրեց հատակին ու ասաց․ ― Պիլա՛ր, լսի՛ր։ Մարի՛ա, դու էլ։ Ներեցե՛ք, պետք չէր, որ ես վշտացնեի ձեզ իմ ընտանեկան պատմություններով։ Բոլորն էլ նույն ցավերն ունեն, գիտեմ, դրա համար էլ ավելի լավ է այդ մասին չխոսենք։

― Պետք է խոսենք, ― ասաց Պիլարը։ ― Եթե միմյանց չենք օգնելու, էլ ինչո՞ւ ենք ծնվել։ Իսկ լսել և լռելը այնքան էլ մեծ օգնություն չէ։

― Բայց դա կարող է Մարիային ցավ պատճառել։ Նա առանց այդ էլ այնքա՜ն բան է տեսել։

― Que va, ― ասաց Մարիան։ ― Իմ ցավերն այնքա՜ն շատ են, որ ոչինչ չի փոխվի, եթե քոնն էլ դրա վրա ավելանա։ Ցավակցում եմ քեզ, Խոակին, հուսանք, որ քրոջդ վիճակը լավ է։

― Այնքան էլ լավ չէ, ― ասաց Խոակինը։ ― Բանտարկված է, բայց երևում է նրան շատ չեն տանջում։

― Ուրիշ հարազատներ ունե՞ս, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ոչ, ― ասաց տղան։ ― Ես եմ։ Ուրիշ ոչ ոք։ Փեսաս քաշվեց սարերը, բայց երևի նա էլ է արդեն մահացել։

― Գուցե ողջ է, ― ասաց Մարիան։ ― Գուցե նա էլ ինչ֊որ խմբերի հետ շրջում է սարերում։

― Ինձ թվում է, որ մահացած պիտի լինի, ― ասաց Խոակինը։ ― Նա միշտ էլ տկար էր, իսկ տրամվայի վարորդի համար սարերում շրջելը հեշտ չէ։ Դժվար թե նա կարողանար մի ամբողջ տարի դիմանալ սարերում։ Թոքերն էլ թույլ էին։

― Բայց կարող է և ողջ լինել, ― ասաց Մարիան ու ձեռքը դրեց տղայի ուսին։

― Կարող է, քույրիկս։ Կարող է, ինչո՞ւ չէ, ― ասաց Խոակինը։

Տղան կանգնած էր, Մարիան մոտեցավ, գրկեց նրան ու համբուրեց։ Խոակինը գլուխը շրջեց, որովհետև լալիս էր։

― Ոնց որ եղբորս, ― ասաց Մարիան, ― համբուրում եմ, ոնց որ եղբորս։

Տղան գլուխը շարժեց ու շարունակեց լուռ լաց լինել։

― Ես քո քույրն եմ, ― ասաց Մարիան նրան։ ― Ես քեզ սիրում եմ, դու հարազատներ ունես։ Մենք բոլորս մի ընտանիք ենք։

― Ներառյալ և Ingles֊ը, ― որոտաց Պիլարը։ ― Ճի՞շտ է, Ingles:

Ռոբերտ Ջորդանը թևը գցեց տղայի ուսով և ասաց․

― Մենք բոլորս եղբայրներ ենք։

Տղան շարժեց գլուխը։

― Ամաչում եմ, որ պատմեցի, ― ասաց տղան։ ― Այդ բաների մասին խոսելը նշանակում է մարդկանց ծանր վիճակի մեջ դնել։ Ես ամաչում եմ, որ ձեզ ցավ պատճառեցի։

― Ես քո այդ ամաչելու մեջը, ― ասաց Պիլարն իր կրծքային անուշ ձայնով։ ― Եվ եթե Մարիան նորից համբուրի քեզ, ես էլ կսկսեմ։ Ինչքա՜ն ժամանակ է, որ ցլամարտիկի չեմ համբուրել, թեկուզ քեզ նման ձախողակի, ո՜նց կհամբուրեի կոմունիստ դարձած ձախողակ ցլամարտիկին։ Պահի՛ր դրան, Ingles, պահի՛ր մի լավ համբուրեմ։

― Deja,[40] ― ասաց տղան ու կտրուկ շրջվեց։ ― Ինձ մենակ թող։ Ես ինձ շատ լավ եմ զգում, միայն թե ամաչում եմ։ Նա կանգնել էր ու դեմքը շրջել։ Ռոբերտ Ջորդանը բռնել էր Մարիայի ձեռքը։ Պիլարը ձեռքերը մեջքին կանգնել ու ծաղրական ժպիտով նայում էր տղային։

― Ես որ համբուրեմ, ― ասաց նա տղային, ― քրոջ համբույր չի լինի։ Մենք լավ գիտենք այդ քրոջ համբույր կոչվածը։

― Կարիք չկա այդպիսի հանաքների, ― ասաց տղան։ ― Ասացի, որ արդեն լավ եմ և ցավում եմ, որ պատմեցի այդ ամենը։

― Դե լավ, գնանք ծերուկին տեսնենք, ― ասաց Պիլարը։ ― Հոգնեցի, ո՞ւր եմ այսքան հուզվում։

Տղան նայեց նրան։ Նրա աչքերում մեծագույն վիրավորանքի արտահայտություն երևաց հանկար։

― Քո հուզվելու մասին չեմ, այլ իմ, ― ասաց Պիլարը։ ― Շատ ես քնքուշ, դժվար թե կարողանաս մատադոր դառնալ։

― Ձախողվել եմ, այո, հետո՞, ― ասաց Խոակինը։ ― Ի՞նչ ես անընդհատ կրկնում։

― Բայց հիմա էլ ես ցլամարտիկի խոպոպներդ պահում։

― Պահում եմ, և ինչո՞ւ չպահեմ։ Եթե ցլամարտիկ դառնամ, տնտեսապես ապահովված կլինեմ։ Շատ շատերի ապրուստի միջոցը դա է։ Իսկ հիմա արդեն պետությունն է այդ գործը իր ձեռքը վերցնելու։ Եվ գուցե այսուհետև չվախենամ։

― Գուցե, ― ասաց Պիլարը։ ― Գուցե։

― Ինչո՞ւ ես նրան այդպես կոպտում, Պիլա՛ր, ― ասաց Մարիան։ ― Ես քեզ շատ եմ սիրում, բայց դու ոնց որ վայրենի լինես։

― Հնարավոր է, գուցե և վայրենի եմ, ― ասաց Պիլարը։ ― Լսի՛ր, Ingles, դու լավ մտածե՞լ ես այն ամենի մասին, ինչ խոսելու ես Էլ Սորդոյի հետ։

― Այո։

― Որովհետև նա քչախոս մարդ է, ոչ ինձ նման է, ոչ քեզ, ոչ էլ այս վնգստան լակոտների։

― Ինչո՞ւ ես այդպես խոսում, ― դարձյալ հարցրեց զայրացած Մարիան։

― Չգիտեմ, ― ասաց Պիլարն ու առաջ շարժվեց։ ― Իսկապես, ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ։

― Չգիտեմ։

― Այնքան բաներ կան, որոնք մեկ էլ տեսար եկան, ու գժվեցի, ― ասաց զայրացած Պիլարը։ ― Դու հասկանո՞ւմ ես։ Դրանցից մեկն այն է, որ ես քառասունութ տարեկան եմ։ Լսո՞ւմ ես։ Քառասունութ տարեկան և տգեղ մի մռութ։ Մյուսը այն, որ ես տեսա, թե ինչպես իրար անցավ այս ձախողակ, կոմունիստական գաղափարներով ցլամարտիկը, երբ կատակով ասացի, որ կհամբուրեմ իրեն։

― Ճիշտ չես, Պիլար, ― ասաց տղան։ ― Այդպիսի բան չի եղել։

― Que va, ճիշտ չեմ։ Ես ձեր բոլորի կաթի մեջ։ Օհո՜, ահա և նա։ Hola, Սանտյագո։ Que tal?

Պիլարը ողջունում էր կարճահասակ, ամրակազմ, թխադեմ, լայն այտոսկրերով, ալեխառն մազերով մի տղամարդու։ Նրա դեղնա֊շագանակագույն աչքերը իրարից բավական հեռու էին տեղադրված, հնդկացու նեղ ու կեռ քիթ ուներ, բերանը մեծ էր, շրթունքները բարակ էին, վերինը՝ կախ։ Ածիլված էր, աղեղնաձև սրունքներն առաջ գցելով՝ քարայրի մուտքից դեպի իրենց էր գալիս, հագին նախրարածի շալվար էր, ոտներին՝ հեծյալի երկարաճիտ սապոգներ։ Չնայած որ օդը տաք էր, նա հագել էր ոչխարի մորթուց կարված կարճ բաճկոն և մինչև վիզը կոճկել։ Խոշոր, շագանակագույն ձեռքը նա մեկնեց Պիլարին ու «Hola, կին» ասաց։ Հետո «Hola» ասաց Ռոբերտ Ջորդանին, սեղմեց ձեռքն ու զննող հայացքով նայեց դեմքին։ Ռոբերտ Ջորդանը տեսավ, որ նրա աչքերը դեղին էին, ինչպես կատվինը, և անփայլ՝ ինչպես զեռունինը։ «Guapa» ասաց Մարիային ու թփթփացրեց աղջկա ուսը։

― Բան կերե՞լ եք, ― հարցրեց Պիլարին։ Կինը գլխով արեց։

― Ուտել, ― ասաց ու նայեց Ռոբերտ Ջորդանին։ ― Խմե՞լ, ― հարցրեց ու բութ մատով կոկորդով ցած մի բան լցնելու շարժում արեց։

― Այո, շնորհակալ կլինեմ։

― Լավ, ― ասաց Էլ Սորդոն։ ― Վիսկի՞։

― Վիսկի ունե՞ք։

Էլ Սորդոն գլխով արեց։

― Ingles, ― հարցրեց։ ― Ո՞չ Ruso:

― Americano:

― Ամերիկացի քիչ կա այստեղ, ― ասաց նա։

― Հիմա արդեն շատացել են։

― Ավելի լավ։ Հյուսիսայի՞ն, թե հարավային։

― Հյուսիսային։

― Նույնն է, ինչ Ingles-ը։ Կամուրջը ե՞րբ է պայթեցվելու։

― Գիտես, հա՞, կամուրջի մասին։

Սորդոն գլխով արեց։

― Վաղը չէ մյուս օրը, առավոտյան։

― Լավ, ― ասաց Էլ Սորդոն։ ― Պաբլո՞ն, ― հարցրեց Պիլարին։

Կինը գլուխը թափ տվեց։ Էլ Սորդոն քմծիծաղեց։

― Դու գնա՛, ― ասաց նա Մարիային և նորից քմծիծաղեց։ ― Կգաս, ― նայեց բաճկոնի գրպանից հանած կաշվե փոկով ժամացույցին, ― կես ժամից։

Նա գլխով նշան արեց, որ նստեն նստարանի տեղ ծառայող տաշված գերանին, նայեց Խոակինին և բութ մատով ցույց տվեց արահետը, որով եկել էին։

― Ես Խոակինի հետ կգնամ ներքև, հետո կվերադառնամ, ― ասաց Մարիան։

Էլ Սորդոն գնաց քարայր և շոտլանդական վիսկիի մի շիշ թևատակին դուրս եկավ, մատներին երեք բաժակ էր հագցրել, մյուս ձեռքին էլ ջրով լի մի կուժ կար։ Շիշն ու բաժակները դրեց գերանին, կուժը՝ հատակին։

― Սառույց չկա, ― ասաց և շիշը երկարեց Ռոբերտ Ջորդանին։

― Ես չեմ ուզում, ― ասաց Պիլարն ու ձեռքով ծածկեց բաժակը։

― Սառույցն արդեն գետնից կտրվեց, ― ասաց Էլ Սորդոն ու քմծիծաղեց։ ― Ինչ կար չկար հալվեց։ Միայն այնտեղ՝ վերևում է մնացել, ― ասաց ու ցույց տվեց լեռների ձույնածածկ լերկ կատարները։ ― Շատ հեռու է։

Ռոբերտ Ջորդանն ուզեց լցնել Էլ Սորդոյի բաժակը, բայց խուլ մարդը գլխով նշան արեց, որ նա ինքը իրեն լցնի։

Ռոբերտ Ջորդանը մի լավ բաժին շոտլանդական վիսկի լցրեց իր բաժակի մեջ, Էլ Սորդոն, որն ուշադիր հետևում էր, ջրի կուժը մեկնեց նրան, Ռոբերտ Ջորդանը վերցրեց ու սկսեց լցնել բաժակը կավե կժի կտուցից ծորացող սառը ջրով։

Էլ Սորդոն իր բաժակի մեջ կիսով չափ վիսկի լցրեց, հետո մինչև բերանը ջուր ավելացրեց։

― Գինի՞, ― հարցրեց Պիլարին։

― Ո՛չ։ Ջուր։

― Վերցրո՛ւ, ― ասաց։ ― Լավ չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանին և քմծիծաղեց։ ― Շատ անգլիացիների եմ ճանաչել։ Միշտ շատ վիսկի։

― Որտե՞ղ։

― Ռանչոյում, ― ասաց Էլ Սորդոն։ ― Կալվածատիրոջ բարեկամներն էին։

― Վիսկին որտեղի՞ց ես ճարում։

― Ի՞նչ։ ― Չէր լսել։

― Դու գոռալով խոսիր, ― ասաց Պիլարը։ ― Մյուս ականջին։ Էլ Սորդոն մատով ցույց տվեց առողջ ականջն ու քմծիծաղեց։

― Վիսկին որտեղի՞ց ես ճարում, ― գոռաց Ռոբերտ Ջորդանը։

― Ինքս եմ սարքում, ― ասաց Էլ Սորդոն և նկատեց, որ Ռոբերտ Ջորդանի ձեռքի բաժակը կանգ առավ օդում, չհասավ բերանին։

― Չէ, ― ասաց Էլ Սորդոն ու թփթփացրեց Ռոբերտ Ջորդանի ուսը։ ― Կատակում եմ։ Լա Գրանխայից է։ Անցած գիշեր լսեցի, որ անգլիացի դինամիտավոր է եկել։ Լավ է։ Շատ ուրախ եմ։ Վիսկի ճարեցի։ Քեզ համար։ Հավանո՞ւմ ես։

― Շատ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ լավ վիսկի է։

― Գոհ եմ, ― խնդմնդաց Սորդոն։ ― Դրա հետ լուրեր էլ եմ բերել։

― Ի՞նչ լուրեր։

― Մեծ զորաշարժեր են։

― Որտե՞ղ։

― Սեգովիայում։ Ինքնաթիռները տեսա՞ր։

― Այո։

― Վատ է, չէ՞։

― Վատ է։ Զորքերի տեղաշարժերը որտե՞ղ էին։

― Շատ զորք կար Վիլլակաստինի և Սեգովիայի արանքում։ Վալլադոլիդի ճանապարհին։ Շատ շատ էին Վիլլակաստինի և Սան Ռաֆայելի արանքում։ Շատ։ Շատ։

― Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է նշանակում։

― Մերոնք ինչ֊որ բա՞ն են պատրաստում։

― Հնարավոր է։

― Նրանք գիտեն։ Նույնպես պատրաստվում են։

― Հնարավոր է։

― Ինչո՞ւ այս գիշեր չպայթեցրիր կամուրջը։

― Հրամանն այդպես է։

― Ո՞ւմ հրամանն է։

― Գլխավոր շտաբի։

― Այդպես։

― Պայթեցնելու պահը կարևո՞ր է, ― հարցրեց Պիլարը։

― Շատ կարևոր։

― Բայց եթե զորքերն հիմա արդեն շարժվո՞ւմ են։

― Անսելմոյի միջոցով բոլոր տեղաշարժերի ու զորակուտակումների մասին զեկուցագիր եմ ուղարկելու։ Նա հիմա հսկում է ճանապարհին։

― Ճանապարհին հսկող ունե՞ս, ― հարցրեց Էլ Սորդոն։

Ռոբերտ Ջորդանը չգիտեր, թե իր ասածների որ մասն է նա լսել։ Այդպես է խուլ մարդու հետ գործ ունենալը։

― Այո՛, ― ասաց նա։

― Ես նույնպես։ Ինչո՞ւ հիմա չպայթեցնենք կամուրջը։

― Ինձ այդպես են հրամայել։

― Դա ինձ դուր չի գալիս, ― ասաց Էլ Սորդոն։ ― Դա ինձ դուր չի գալիս։

― Ոչ էլ ինձ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Էլ Սորդոն թափ տվեց գլուխն ու մի կում էլ վիսկի խմեց։

― Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ։

― Քանի՞ մարդ ունես։

― Ութ։

― Կտրել հեռախոսալարերը, գրավել ճանապարհաշինության վարպետի տան պահակակետը և վերադառնալ կամուրջ։

― Դա հեշտ է։

― Այդ բոլորը կգրեմ կտամ։

― Մի՛ անհանգստանա։ Իսկ Պաբլո՞ն։

― Կկտրի ներքևի հեռախոսալարերը, կգրավի սղոցարանի պահակակետը, և կվերադառնա կամուրջ։

― Իսկ ինչպե՞ս ենք նահանջելու, ― հարցրեց Պիլարը։ ― Մենք յոթ տղամարդ ու երկու կին ենք և ունենք հինգ ձի։ Դուք ո՞նց եք, ― գոռաց Էլ Սորդոյի ականջին։

― Ութ մարդ և չորս ձի։ Faltan caballos, ― ասաց նա։ ― Ձիերը հերիք չեն։

― Տասնյոթ հոգի և ինը ձի, ― ասաց Պիլարը։ ― Բեռը չհաշված։

Սորդոն ոչինչ չասաց։

― Հնարավոր չէ՞ ձիեր ճարել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Էլ Սորդոյի առողջ ականջին։

― Այս մի տարի է, որ պատերազմ է, ― ասաց Էլ Սորդոն, ― ընդամենը չորս ձի ենք ձեռք գցել։ ― Նա ցույց տվեց չորս մատները։ ― Հիմա դու վաղվա համար ութ ձի ես ուզում։

― Այո՛, ― ասաց Ռոբերտ Ջորդաանը։ ― Հիմա որ այստեղից հեռանալու ես, դրա համար եմ ասում։ Հարևաններից զգուշանալու կարիք չունես արդեն։ Զգոնությունն այլևս անհրաժեշտ չէ։ Չե՞ս կարող մի ութ ձի քաշել֊բերել։

― Կարելի է փորձել, ― ասաց Սորդոն։ ― Գուցե ոչ մի հատ չճարենք։ Գուցե ավելի լինի։

― Ձեռքի գնդացիր ունե՞ք, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ Սորդոն գլխով արեց։

― Որտե՞ղ է։

― Բարձունքում։

― Ի՞նչ տիպի։

― Անունը չգիտեմ։ Սկավառակներով է։

― Քանի՞ սկավառակ ունեք։

― Հինգ։

― Լեզուն հասկացող կա՞։

― Ես։ Մի քիչ։ Շատ չենք կրակել։ Չենք ուզեցել աղմուկ բարձրացնել այստեղ, փամփուշտ փչացնել։

― Ես հետո կգնամ աչքի կանցկացնեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նռնակներ ունե՞ք։

― Ինչքան ասես։

― Իսկ փամփո՞ւշտ, ամեն հրացանի քանի՞ հատ կլինի։

― Հարյուր հիսուն։ Գուցեև ավելի։

― Բայց մեզ էլի մարդիկ են հարկավոր։

― Ինչի՞ համար։

― Որպեսզի բավարար չափով ուժեր լինեն և պահակակետերը գրավելու, և կամուրջը կրակի տակ պահելու համար, մինչև որ ես վերջացնեմ գործը։ Այս եղածից երկու անգամ ավելի մարդ է պետք։

― Պահակակետերի մասին մի անհանգստանա։ Ժամը քանիսի՞ն է պետք։

― Լուսաբացին։

― Մի անհանգստանա։

― Եվս քսան հոգի ունենայինք՝ արդեն հանգիստ կլինեի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Լավը չկա։ Եղածները վստահելի չեն։ Ուզո՞ւմ ես։

― Ոչ։ Վստահելիները քանի՞ հոգի կլինեն։

― Երևի չորս։

― Ինչո՞ւ այդքան քիչ։

― Այդպես է։

― Մյուսները թող ձիերը պահեն։

― Ձի պահողները շաը վստահելի պետք է լինեն։

― Գոնե մի տասը հոգի լիներ, բավական էր։

― Չորս։

― Անսելմոն ասում էր հարյուրից ավելի մարդ կա այս սարերում։

― Լավը չեն։

― Իսկ դու ասում էիր երեսուն, ― դարձավ Ռոբերտ Ջորդանը Պիլարին։ ― Երեսուն հոգի, որոնց կարելի է ինչ֊որ չափով վստահել։

― Էլիասի տղերքը ո՞նց են, ― գոռաց Պիլարը Էլ Սորդոյի ականջին։

Նա գլուխը թափ տվեց։

― Լավը չեն։

― Տասը հոգի չե՞ս կարող ճարել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

Սորդոն նայեց նրան իր անփայլ, դեղին աչքերով և գլուխը թափ տվեց։

― Չորս, ― ասաց ու ցույց տվեց չորս մատները։

― Քո տղաները վստահելի՞ են, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը և իսկույն էլ զղջաց, որ այդ հարցը տվեց։

Սորդոն գլխով արեց։

― Dentro de la gravedad, ― ասաց իսպաներեն, ― նայած վտանգի չափին։ ― Քմծիծաղեց։ ― Հը՞, վա՞տ են գործերը։

― Հնարավոր է։

― Ինձ համար միևնույն է, ― պարզ ու հասարակ, առանց որևէ պարծենկոտության շեշտի ասաց Էլ Սորդոն։ ― Ավելի լավ է չորս կարգին մարդը, քան հարյուր անպետքը։ Այս պատերազմում վատը ինչքան ուզես, լավն է քիչ։ Եվ օր օրի վրա ավելի է պակասում։ Իսկ Պաբլո՞ն, ― նայեց Պիլարին։

― Ոնց որ գիտես, ― ասաց Պիլարը։ ― Օր օրի վրա ավելի վատ։

Սորդոն ուսերը վեր քաշեց։

― Խմի՛ր, ― ասաց Սորդոն Ռոբերտ Ջորդանին։ ― Ես կբերեմ իմոնց ու ևս չորս հոգի։ Դա կանի տասներկու։ Այս իրիկուն այդ ամենը կգտնենք։ Վաթսուն կտոր դինամիտ ունեմ։ Ուզո՞ւմ ես։

― Քանի տոկոսանոց է։

― Չգիտեմ։ Սովորական դինամիտ է։ Կբերեմ։

― Դրանով վերևի փոքր կամուրջը կպայթեցնենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հիանալի է։ Երեկոյան գալո՞ւ ես ներքև։ Բե՛ր, կարո՞ղ ես։ Թեև այդ կամուրջը պայթեցնելու հրաման չեմ ստացել, բայց կպայթեցնենք։

― Երեկոյան կգամ։ Հետո կգնամ ձիեր ճարելու։

― Իսկ ի՞նչ հույս կա։

― Կարող է։ Հիմա ուտել։

Տեսնես բոլորի՞ հետ է այս ձևով խոսում, ― մտածեց Ռոբերտ Ջորդանը։ ― Գուցե կարծում է, որ օտարականին այդպես ավելի հասկանալի է։

― Իսկ ո՞ւր ենք գնալու այս ամենն անելուց հետո, ― գոռաց Պիլարը Սորդոյի ականջին։

Սորդոն ուսերը թափ տվեց։

― Դա պետք է նախօրոք որոշել, ― ասաց կինը։

― Անշուշտ, ― ասաց Սորդոն։ ― Պետք է։

― Դա այնքան էլ հեշտ չէ, ― ասաց Պիլարը։ ― Պետք է ամեն ինչ լավ ծրագրել։

― Այո՛, կին, ― ասաց Սորդոն։ ― Քեզ ի՞նչն է մտահոգում։

― Ամեն ինչ, ― գոռաց Պիլարը։

Սորդոն քմծիծաղցեց։

― Պաբլոյից ես վարակվել, ― ասաց նա։

Ուրեմն միայն օտարականների հետ է նա պոչատ իսպաներենով խոսում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Դե լավ է, վերջապես մի կարգին լեզվով ասված խոսք լսեցինք։

― Ո՞ւր պետք է գնանք, ի՞նչ ես կարծում, ― հարցրեց Պիլարը։

― Ո՞ւր։

― Այո՛, ո՞ւր։

― Տեղ շատ կա, ― ասաց Սորդոն։ ― Շատ տեղեր կան։ Գրեդոսը քեզ ծանո՞թ է։

― Այնտեղ շատ են լցվել։ Շուտով, հենց որ առիթ ունեցան, սկսելու են այդ տեղերը մաքրել։

― Այո։ Բայց ընդարձակ երկրամաս է, անմարդաբնակ։

― Շատ դժվար կլինի տեղ հասնելը, ― ասաց Պիլարը։

― Ամեն ինչ դժվար է, ― ասաց Էլ Սորդոն։ ― Գրեդոս գնալն էլ նույնն է, ինչ ուրիշ տեղ։ Գիշերներն ենք ճամփա գնալու։ Այստեղ հիմա շատ ավելի վտանգավոր է։ Հրաշք էր, որ այսքան երկար ժամանակ կարողացանք մնալ այստեղ։ Գրեդոսն ավելի ապահով է։

― Գիտե՞ս ուր եմ ուզում գնալ, ― հարցրեց Պիլարը։

― Ո՞ւր։ Պարամե՞րա։ Բանի պետք չէ։

― Չէ, ― ասաց Պիլարը։ ― Ոչ մի Սիեռա դե Պարամերա։ Ուզում եմ գնալ Հանրապետություն։

― Դա էլ է հնարավոր։

― Ձերոնք կուզե՞ն գնալ։

― Այո՛։ Եթե ասեմ։

― Իմոնք՝ չգիտեմ, ― ասաց Պիլարը։ ― Պաբլոն չի ուզենա, չնայած, ճիշտը որ ասենք, այնտեղ նա կարող է իրեն ավելի ապահով զգալ։ Զինվոր չեն տանի, տարիքն առել է, անշուշտ եթե համատարած զորակոչ չսկսվի։ Գնչուն էլ չի ուզենա գնալ։ Մյուսները չգիտեմ։

― Երկար ժամանակ որ այստեղ ոչինչ չի եղել, վտանգը չեն պատկերացնում, ― ասաց Էլ Սորդոն։

― Այսօրվա ինքնաթիռներից հետո կպատկերացնեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ինձ թվում է, որ Գրեդոսում դուք կարող եք ավելի լավ գործել։

― Ի՞նչ, ― ասաց Էլ Սորդոն և նայեց նրան իր բոլորովին անփայլ աչքերով։ Հարցադրման եղանակը բարեկամական չէր։

― Այնտեղից դուք կարող եք ավելի արդյունավետ հարձակումներ գործել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Այդպե՜ս, ― ասաց Էլ Սորդոն։ ― Ծանո՞թ ես Գրեդոսին։

― Այո՛։ Այնտեղից դուք կարող եք հարձակումներ գործել երկաթգծի մայրուղու վրա։ Կարող եք գծերը պայթեցնել, ոնց որ մենք էինք անում մի փոքր հարավում՝ Էսթրեմադուրայում։ Այնտեղ գործելն ավելի ճիշտ կլինի, քան Հանրապետություն վերադառնալը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դուք այնտեղ ավելի օգտակար կարող եք լինել։

Երկուսն էլ՝ և՛ Էլ Սորդոն, և՛ Պիլարը, լսում էին նրան ու մռայլվում։

Սորդոն նայեց Պիլարին, կինը նայեց Սորդոյին։

― Ասում ես ծանոթ ես, հա՞, Գրեդոսին, ― հարցրեց Սորդոն։ ― Իսկապե՞ս։

― Անպայման, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ինքդ ո՞ւր կգնայիր։

― Բարկո դե Ավիլայից այն կողմ։ Սրանից լավ տեղեր են։ Կարելի է հարձակումներ գործել և մայրուղու, և Բեխար֊Պլասենսիա երկաթուղու վրա։

― Դժվար գործ է, ― ասաց Սորդոն։

― Մենք այդ նույն երկաթուղու վրա ավելի վտանգավոր երկրամասում ենք հարձակումներ գործել, Էսթրեմադուրայում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Այդ ո՞վ՝ մենք։

― Էսթրեմադուրայի guerrillero[41]֊ների ջոկատը։

― Շա՞տ էիք։

― Մոտ քառասուն հոգի։

― Այն մի հոգին՝ թույլ նյարդերով ու տարօրինակ անունով նա՞ էլ էր այնտեղից, ― հարցրեց Պիլարը։

― Այո՛։

― Հիմա որտե՞ղ է։

― Մահացել է։ Ես քեզ ասել եմ։

― Դո՞ւ էլ ես այնտեղից։

― Այո՛։

― Հասկանո՞ւմ ես, չէ՞, թե ինչ եմ ուզում ասել, ― հարցրեց Պիլարը։

Դարձյալ սխալվեցի, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Ասացի, որ մենք ինչ֊որ բաներ իրենցից լավ ենք կարողանում անել, այնինչ Իսպանիայում չգրված օրենք է՝ քո սխրանքների և ունակությունների մասին չպետք է խոսես։ Շողոքորթելու փոխարեն սկսել եմ նրանց սովորեցնել, թե ինչ պետք է անեն և, ահա, զայրացրի։ Ինչ արած, գուցե կհանդուրժեն, գուցև ոչ։ Ինչ խոսք, որ Գրեդոսում նրանք ավելի օգտակար կարող են լինել, քան այստեղ։ Փաստ է, գնացքից հետո ոչինչ չեն արել։ Դա էլ Կաշկինն է կազմակերպել։ Այն էլ ո՞վ գիտի, թե ինչ թամաշա է եղել։ Ընդամենը մի շոգեքարշ են պայթեցրել ու մի քանի ֆաշիստ են սպանել, իսկ դրա մասին այնպես են խոսում, կարծես պատերազմի ամենավճռական իրադարձությունը լիներ։ Գուցե ամաչեն ու գնան Գրեդոս։ Գուցեև վերցնեն ու ինձ այնտեղից դուրս շպրտեն։ Մի խոսքով, հեռանկարը այնքան էլ վարդագույն չէ։

― Լսիր, Ingles, ― ասաց Պիալրը, ― նյարդերդ ո՞նց են։

― Շատ ամուր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ոնց որ պետք է։

― Գիտե՞ս ինչու եմ հարցնում, այն վերջին դինամիտավորը, որին ուղարկել էին այստեղ, լավ տեխնիկ էր, բայց նյարդերը շատ թույլ էին։

― Մեր մեջ էլ թույլ նյարդերով մարդիկ կան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Չէ՛, վախկոտ չէր, այդպիսի բան չեմ կարող ասել, ― մինչև վերջ էլ իրեն լավ պահեց, ― շարունակեց Պիլարը։ ― Բայց շատ էր խոսում, տարօրինակ բաներ էր դուրս տալիս։ ― Ձայնը բարձրացրեց․ ― Ճիշտ չե՞մ, Սանտյագո, գնացքի դինամիտավորը մի քիչ տարօրինակ չէ՞ր։

― Algo raro, ― հաստատեց խուլ մարդը և կլոր, փոշեծծիչի անցք հիշեցնող աչքերն հառեց Ռոբերտ Ջորդանի դեմքին։ ― Si, algo raro, pero bueno:[42]

― Murio՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը խուլ մարդու ականջին։ ― Մահացել է։

― Ինչպե՞ս պատահեց, ― հարցրեց խուլը՝ հայացքը Ռոբերտ Ջորդանի աչքերից շրթունքներին իջեցնլով։

― Ես խփեցի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ ծանր վիրավոր էր, ճանապարհը չէր կարող անցնել, և ես խփեցի։

― Նա անընդհատ այդ մասին էր խոսում, ― ասաց Պիլարը։ ― Այդ մտքից չէր կարողանում ազատվել։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նա անընդհատ այդ մասին էր խոսում, և իսկապես, չէր կարողանում ազատվել այդ մտքից։

― Como fue,[43] ― հարցրեց խուլ մարդը։ ― Էլի՞ գնացք էր։

― Գնացքի պայթեցումից հետո էր, վերադառնում էինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ամեն ինչ հաջող էր անցել։ Մութ էր, ճանապարհին հանդիպեցինք ֆաշիստ պարեկների, վազեցինք, կրակեցին, թիկունքից վիրավորվեց, բայց ոսկորը չէր վնասվել, փամփուշտը մտել էր թիակի տակ։ Երկար ժամանակ քայլում էր մեզ հետ, բայց վերքն այնպիսին էր, որ այլևս չկարողացավ գալ։ Չէր ուզում այդտեղ մնալ, և ես խփեցի։

― Menos mal, ― ասաց Էլ Սորդոն։ ― Չարյաց փոքրագույնը։

― Իսկ դու վստա՞հ ես, որ նյարդերդ ամուր են, ― հարցրեց Պիլարը Ռոբերտ Ջորդանին։

― Այո՛, ― ասաց նա։ ― Վստահ եմ, նյարդերս ամուր են, և ես կարծում եմ, որ լավ կանեք կամրջից հետո գնաք Գրեդոս։

Խոսքը հազիվ էր վերջացրել, որ կինն սկսեց հայհոյանքների մի այնպիսի կեղտոտագույն տարափ տեղալ գլխին, կարծես հեյզերի հանկարծական ժայթքումից առաջացած սպիտակափրփուր տաք ջուր թափվեր։

Խուլն օրորում էր գլուխն ու հրճվանքով քմծիծաղում։ Նա երջանիկ օրորում էր գլուխը, Պիլարը տեղում էր իր հայհոյանքները, իսկ Ռոբերտ Ջորդանն աստիճանաբար համոզվում էր, որ ամեն ինչ հարթվում է։ Վերջապես կինն սկսեց հանդարտվել, ձեռքը տարավ ջրի կժին, բարձրացրեց, մի կում արեց և հանգիստ ասաց․

― Արի, Ingles, մեր հետագա անելիքների մասին մի խոսիր, եղա՞վ։ Վերադարձիր Հանրապետություն, աղջկադ էլ վերցրու հետդ ու մեզ էլ հանգիստ թող, ինքներս կորոշենք, թե այս սարերից որի լանջին ենք մեռնելու։

― Ապրելու, ― ասաց Էլ Սորդոն։ ― Հանդարտվի՛ր, Պիլա՛ր։

― Ե՛վ ապրելու, և՛ մեռնելու, ― ասաց Պիլարը։ ― Ինձ համար վախճանը պարզ է։ Դու ինձ դուր ես գալիս, Ingles, բայց արի բերանդ փակի՛ր, քեզանից հետո թե մենք ինչ կանենք, մեր գործն է։

― Քո գործն է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չեմ խառնվում։

― Բայց խառնվել էիր, ― ասաց Պիլարը։ ― Վերցրո՛ւ, հերատուկ փոքրիկ ջլթիկիդ և վերադարձիր Հանրապետություն, բայց նրանց երեսին, ովքեր օտարականներ չեն և սիրել են Հանրապետությունը տակավին այն ժամանակ, երբ քո բերանից դեռևս կաթի հոտ է գալիս, դռները մի՛ փակիր։

Պիլարը նորից էր ձայնը բարձրացրել, և արահետով բարձրացած Մարիան լսեց նրա վերջին նախադասությունը։ Աղջիկը գլխով ու մատով սկսեց զգուշացնել Ռոբերտ Ջորդանին, որպեսզի չմատնի իր գալը։ Պիլարը տեսավ, որ Ռոբերտ Ջորդանը ժպտում է ու նայում աղջկան։

― Այո՛, ― ասաց կինը աղջկան, ― ասացի։ Ասացի ջլթիկ։ Հենց դա է որ կա։ Վեր կացեք ու իրար հետ գնացեք Վալենսիա, մենք էլ կգնանք Գրեդոս այծի կոտոշ ուտելու։

― Թող ջլթիկ լինեմ, Պիլար, եթե ուզում ես, ― ասաց Մարիան։ ― Թե որ ասում ես, ուրեմն այդպես է։ Բայց հանդարտվիր։ Այդ ի՞նչ է պատահել քեզ։

― Ոչինչ, ― ասաց Պիլարն ու նստեց նստարանին։ Նրա ձայնն արդեն հանդարտվել էր, զայրույթի պահի մետաղի զրնգունությունը չքացել էր։ ― Չէ, դու այդպիսին չես։ Բայց ախր շատ եմ ուզում Հանրապետություն գնալ։

― Գնանք բոլորս իրար հետ, ― ասաց Մարիան։

― Ինչո՞ւ չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Որ Գրեդոսը սրտովդ չէ, գնանք։

Սորդոն քմծիծաղեց։

― Դեռ կտեսնենք, ― արդեն հանգստացած ասաց Պիլարը։ ― Մի բաժակ այդ տարօրինակ խմիչքից տվեք։ Բարկությունից կոկորդս շարքից հանեցի։ Դեռ կտեսնենք։ Օրը կգա կտեսնենք։

― Հասկանո՞ւմ ես, ընկե՛ր, ― սկսեց բացատրել Սորդոն։ ― Որ առավոտյան է լինելու, դա է դժվար։ ― Նա արդեն պոչատ իսպաներենով չէր խոսում, հանգիստ նայում էր Ռոբերտ Ջորդանի աչքերին և փորձում էր պարզաբանել խնդիրը։ Հիմա նա քիչ առաջվա կասկածոտ ու զննող կամ մարդկանց վերևից նայող ծեր զինվորականը չէր։ ― Ես հասկանում եմ, թե քեզ ինչ է պետք՝ պետք է ոչնչացվեն պահակակետերը և կրակի տակ պիտի պահվի կամուրջը, մինչև գործդ ավարտես։ Լրիվ հասկանում եմ։ Դա կարելի է հեշտությամբ անել մինչև լուսաբացը կամ նույնիսկ լուսաբացին։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դու մի րոպեով գնա, հա՞, ― ասաց նա Մարիային, առանց նայելու նրան։

Աղջիկը հեռացավ այնքան, որ արդեն խոսակցությունը չէր լսում, նստեց գետնին ու ծնկներն առավ ձեռքերի մեջ։

― Հասկանո՞ւմ ես, ― ասաց Սորդոն։ ― Դա կանենք, այդտեղ դժվարություն չկա։ Բայց դրանից հետո օրը ցերեկով նահանջելը արդեն շատ լուրջ խնդիր է։

― Ճիշտ ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես էլ եմ մտածել այդ մասին։ Ախր ինձ համար էլ է ցերեկ, չէ՞։

― Բայց դու մեկ հոգի ես, ― ասաց Էլ Սորդոն։ ― Մենք շատ ենք, և մեկս մյուսից տարբեր մարդիկ։

― Կարելի է վերադառնալ ճամբար, հետո, երբ մութն ընկնի, թողնել֊հեռանալ, ― ասաց Պիլարը՝ բաժակը տանելով շրթներին ու նորից իջեցնելով։

― Դա էլ շատ վտանգավոր է, ― ասաց Էլ Սորդդոն։ ― Դա գուցե շատ ավելի վտանգավոր է։

― Պատկերացնում եմ, թե ինչ կարող է լինել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Գիշերով հեշտ կլիներ կամուրջը պայթեցնել, ― ասաց Էլ Սորդոն։ ― Բայց որ ասում ես պետք է ցերեկով պայթեցնել, գործը բարդանում է, հետևանքները ծանր են լինելու։

― Գիտեմ։

― Չէի՞ր կարող գիշերով պայթեցնել։

― Եթե այդպիսի բան անեմ, ինձ կգնդակահարեն։

― Իսկ եթե ցերեկով անես, շատ հնարավոր է, որ քեզ էլ գնդակահարեն, մեզ էլ։

― Եթե կամուրջը պայթեցրի, իմ անձն արդեն կարևոր չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ես ձեզ էլ եմ հասկանում։ Դժվար է ցերեկով նահանջելը։

― Անպայման, ― ասաց Էլ Սորդոն։ ― Կփորձենք դրա ճարն էլ գտնել։ Բայց ես ուզում եմ, որ քեզ համար պարզ դառնա մարդկանց մտահոգության ու զայրույթի պատճառը։ Դու Գրեդոս գնալու մասին այնպես ես խոսում, կարծես դա ընդամենը զորախաղ լինի։ Եթե մենք Գրեդոս հասնենք, դա հրաշքի նման բան կլինի։

Ռոբերտ Ջորդանը ոչինչ չասաց։

― Լսի՛ր, ― ասաց խուլ մարդը։ ― Ես շատ եմ խոսում։ Պատճառն այն է, որ ուզում եմ իրար հասկանանք։ Հրաշքով է, որ մենք այստեղ կենդանի ենք մնացել։ Այդ հրաշքի համար մեղավորը ֆաշիստների ծուլությունն է ու հիմարությունը, ժամանակի ընթացքում նրանք դրանից կբուժվեն։ Ճիշտ է, մենք չափազանց զգույշ ենք եղել, այստեղ ոչ մի խռովություն չենք բարձրացրել, դա էլ է նշանակություն ունեցել։

― Գիտեմ։

― Բայց հիմա, այս գործից հետո պետք է հեռանանք այստեղից։ Իսկ նահանջը պետք է լավ ծրագրել։

― Անպայման։

― Այդպես, ― ասաց Էլ Սորդոն։ ― Հիմա եկեք մի բան ուտենք։ Շատ խոսեցի։

― Դու երբեք այսքան երկար չէիր խոսել, ― ասաց Պիլարը։ ― Դա՞ է պատճառը, ― ցույց տվեց բաժակը։

― Չէ՛․․․ ― ասաց Էլ Սորդոն ու գլուխը շարժեց։ ― Վիսկիից չէ։ Մինչև հիմա այնպիսի հարց չէր եղել, որ անհրաժեշտություն զգացվեր երկար խոսելու։

― Ես գնահատում եմ քո օգնությունը, Հանրապետության հանդեպ քո հավատարմությունը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես հասկանում եմ նաև, թե կամրջի պայթեցման համար որոշված պահը ինչպիսի դժվար կացության առաջ է կանգնեցնում բոլորին։

― Այդ մասին չխոսենք, ― ասաց Էլ Սորդոն։ ― Մենք այստեղ ենք, որպեսզի անենք այն, ինչ կարող ենք, բայց խնդիրը բարդ է։

― Թղթի վրա շատ պարզ է, ― քմծիծաղեց Ռոբերտ Ջորդանը։ ― Այնպես է հաշվարկված, որ հենց որ հարձակումն սկսվի, կամուրջը պայթի, և ոչ մի նոր ուժ չկարողանա այս կողմն անցել։ Այնքա՜ն պարզ է։

― Ասեին, մենք էլ թղթի վրա մի բան անեինք, ― ասաց Էլ Սորդոն։ ― Մենք էլ թղթի վրա ծրագրեինք, կատարեինք։

― Թուղթը արյուն չի ծորա, ― Ռոբերտ Ջորդանը հիշեց ասացվածքը։

― Մանավանդ մի բանի համար շատ է պետք գալիս, ― ասաց Պիլարը։ ― Es muy util:[44] Պիտի ուզենայի քո հրամանները այդ նպատակի համար օգտագործել։

― Ես նույնպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց պատերազմում դրանով երբեք չես հաղթի։

― Չէ, չես հաղթի, ― ասաց խոշոր կինը։ ― Ես էլ եմ այդպես կարծում։ Գիտե՞ք, թե իսկապես ինչ կուզենայի։

― Գնալ Հանրապետություն, ― ասաց Էլ Սորդոն։ Նա իր առողջ ականջը մոտեցրել էր Պիլարին։ ― Ya iras, mujer:[45] Ա՛յ պատերազմը կշահենք, և ամբողջ երկիրը Հանրապետություն կդառնա։

― Դե լավ, ― ասաց Պիլարը։ ― Իսկ հիմա, թե աստված կսիրեք, եկեք մի բան ուտենք։

Գլուխ տասներկուերորդ

Ճաշից հետո դուրս եկան Էլ Սորդոյի ճամբարից ու արահետով իջան։ Մինչև ներքևի դիտակետն Էլ Սորդոն ուղեկցեց նրանց։

― Salud, ― ասաց բաժանվելիս։ ― Մինչև երեկո։

― Salud, camarado, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նրանք արահետով գնացին ներքև, իսկ խուլ մարդը կանգնել էր ու հայացքով հետևում էր նրանց։ Մարիան շրջվեց ու ձեռքը թափահարեց օդում, Էլ Սորդոն նույնպես բարձրացրեց ձեռքը մինչև ուսը և հենց այնպես, իմիջիալյոց, թափ տվեց օդում, իսպանացիների մոտ ընդունված մի եղանակով, որն ուրիշները կարող էին ընկալել միայն որպես որևէ բան ժխտելու, բայց ոչ երբեք հրաժեշտ արտահայտող շարժում։ Ճաշելու ընթացքում ոչխարենի բաճկոնի կոճակները չէր քանդել․ եղել էր չափազանց քաղաքավարի, շրջվել էր խոսողի կողմը և ուշադրությամբ լսել, կրկին անցել էր իր ջարդոտած իսպաներենին ու շատ բարեկիրթ ձևով հարցրել էր Ռոբերտ Ջորդանին, թե ինչպիսի դրություն է տիրում այժմ Հանրապետությունում։ Այս բոլորի հետ, սակայն ակնհայտ էր, որ նա ուզում էր հնարավորին չափ շուտ ազատվել նրանից։

Բաժանման պահին Պիլարը հարցրել էր նրան․

― Լա՞վ ես, Սանտյագո։

― Ոչինչ, լավ եմ, կի՛ն, ― ասել էր խուլ մարդը։ ― Լավ եմ։ Բայց խորհում եմ։

― Ես էլ, ― ասել էր Պիլարը և հիմա, երբ սոճեպատ արահետով հեշտ ու հաճելի իջնում էին զառիթափն ի վար, նա լուռ խորհում էր։ Լուռ էին նաև Ռոբերտ Ջորդանն ու Մարիան։ Ճանապարհի այդ հատվածը արագ անցան։ Սկսվեց զառիվերը, այդտեղ արահետը, դուրս գալով ծառապատ ձորից, մտնում էր թավ անտառն ու գնում դեպի բարձրադիր մարգագետինը։

Մաիսյան հետմիջօրեի ուշ ժամին շոգ էր, զառիթափի կեսին կինը կանգ առավ։ Ռոբերտ Ջորդանը նույնպես կանգ առավ, շրջվեց ու նայեց նրան։ Կնոջ ճակատը քրտնքի կաթիլներով էր պատվել, թուխ դեմքը գունատվել էր, մաշկը դարձել էր դեղնավուն, աչքերի տակը սևացել էր։

― Եկեք մի քիչ հանգստանանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ արագ ենք գնում։

― Ո՛չ, ― ասաց կինը։ ― Գնանք։

― Հանգստացիր, Պիլար, ― ասաց Մարիան։ ― Երևում է լավ չես։

― Ձենդ կտրիր, ― ասաց կինը։ ― Քեզանից խորհուրդ հարցնող չկա։

Կինը շարունակեց բարձրանալ արահետով, հասել էին գրեթե զառիթափի վերջին, նա արդեն հևասպառ էր եղել, դեմքը լրիվ կորել էր քրտնքի մեջ, գունատությունը ակնհայտ էր։

― Նստի՛ր, Պիլար, ― ասաց Մարիան։ ― Խնդրում եմ քեզ, խնդրում եմ, նստիր։

― Դե լավ, ― ասաց Պիլարը և երեքով նստեցին մի սոճու տակ ու նայեցին լեռնային արոտներից դենը՝ հեռվում երևացող ձյունափառ գագթներին, որոնք դուրս էին ժայթքել լեռնապարից ու փայլում էին մայրամուտ թեքվող արևի շողերի տակ։

― Անպետք բան է, չէ՞, այդ ձյուն ասածը, բայց տես ինչ գեղեցիկ է, ― ասաց Պիլարը։ ― Պատրանք է, պատրանք է ձյունը։ ― Շրջվեց դեպի Մարիան։ ― Ների՛ր, որ կոպտեցի քեզ, guapa: Չգիտեմ, թե ինչ է այսօր կատարվում ինձ հետ։ Անպետք բնավորություն ունեմ։

― Դու որ բարկացած ես լինում, ես չեմ նեղանում քո խոսքերից, ― ասաց Մարիան։ ― Իսկ դու հաճախ ես բարկանում։

― Չէ, սա ոնց որ ավելի վատ բան է, քան բարկությունը, ― ասաց Պիլարը՝ հայացքն հառած լեռնագագաթներին։

― Որևէ տեղդ ցավո՞ւմ է, ― հարցրեց Մարիան։

― Ոչ էլ դա է, ― ասաց կինը։ ― Մոտ արի guapa, գլուխդ դիր ծնկներիս։

Մարիան մոտեցավ, գլուխը ձեռքերի մեջ առած դրեց կնոջ ծնկներին, նայեց երեսին ու ժպտաց, բայց հսկայամարմին կնոջ հայացքը արոտներից այն կողմ, հեռավոր լեռներին էր տակավին ուղղված։ Առանց նայելու աղջկան, նա սկսեց շոյել գլուխը, հետո ձեռքը տարավ ականջին, ծոծրակի մազերին։

― Հիմա, հիմա, մի փոքր էլ ու ես աղջկան կհանձնեմ քեզ, Ingles, ― ասաց նա։

Ռոբերտ Ջորդանը նստել էր նրա ետևը։

― Մի՛ ասա այդպիսի բաներ, ― ասաց Մարիան։

― Այո՛, ես քեզ կհանձնեմ նրան, ― ասաց Պիլարը՝ առանց նրանց նայելու։ ― Ես երբեք չեմ ցանկացել քեզ։ Բայց հիմա խանդում եմ։

― Պիլա՛ր, ― ասաց Մարիան։ ― Այդպես մի՛ խոսիր։

― Ես քեզ կհանձնեմ նրան, ― ասաց Պիլարը և մատը տարավ աղջկա ականջի թլթակին։ ― Բայց շատ եմ խանդում։

― Բայց, Պիլար, ― ասաց Մարիան, ― դու ինքդ էիր ասում ինձ, որ իմ և քո մեջ ոչ մի նման բան չկա։

― Նման մի բան միշտ էլ կա, ― ասաց կինը։ ― Նման մի բան միշտ էլ կա, թեև պետք չէ որ լինի։ Բայց իմ մոտ չկա։ Իսկապես չկա։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես, և ուրիշ ոչինչ։

Մարիան ոչինչ չասաց, մնաց պառկած ու ջանաց գլուխն այնպես պահել, որ կինը ծանրություն չզգա։

― Լսի՛ր, guapa, ― ասաց Պիլարը՝ մատը թույլ֊թույլ մտացրիվ տանելով աղջկա այտերի վրայով։ ― Լսիր, guapa, ես քեզ սիրում եմ, նա էլ կարող է սիրել քեզ, ես tortillera[46] չեմ, ես ստեղծված եմ տղամարդու համար։ Ճիշտ եմ ասում։ Բայց այս պահին ես հաճույք եմ զգում, երբ օրը ցերեկով խոստովանում եմ, որ սիրում եմ քեզ։

― Ես էլ եմ սիրում քեզ։

― Que va: Ի՞նչ գիտես։ Դու ստեղծված ես Inglesi համար։ Դա պարզից էլ պարզ է։ Այդպես էլ կլինի։ Դա իմ սրտով է։ Ուրիշը լիներ չէի համաձայնի։ Ես այլասերված կին չեմ։ Ես քեզ ընդամենը ճիշտ բան եմ ասում։ Կյանքում շատ քիչ տղամարդկանց կհանդիպես, որոնք քեզ ճշմարիտ խոսք կասեն, իսկ կանանցից ոչ մեկը չի ասի։ Ես խանդում եմ և, տե՛ս, ասում եմ, որ խանդում եմ։ Ասում եմ։

― Մի՛ ասա այդ բանը, ― ասաց Մարիան։ ― Մի ասա այդ բանը, Պիլար։

― Por que[47] չասեմ, ― ասաց կինը՝ շարունակելով նրանցից ոչ մեկին չնայել։ ― Պիտի ասեմ մինչև ձանձրանամ։ ― Հայացքն իջեցրեց աղջկա վրա։ ― Ահա և ձանձրացա։ Այլևս չեմ ասի, պա՞րզ է։

― Պիլար, ― ասաց Մարիան, ― այդպես մի խոսիր։

― Դու շատ զվարճալի փոքրիկ նապաստակ ես, ― ասաց Պիլարը։ ― Բարձրացրո՛ւ գլուխդ, տխմարությունս արդեն անցավ։

― Դա տխմարություն չէր, ― ասաց Մարիան։ ― Իսկ գլուխս այստեղ շատ լավ է։

― Չէ՛։ Բարձրացրո՛ւ, ― ասաց Պիլարը և իր խոշոր ձեռքը տարավ ու բարձրացրեց աղջկա գլուխը։ ― Իսկ դու, Ingles, ― աղջկա գլուխը պահած ձեռքի մեջ և հայացքն հառած լեռներին, ― ի՞նչ է, կատուն լեզուդ կերե՞լ է, ― ասաց։

― Չէ՛, կատուն չի կերել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Հապա ի՞նչ գազան է կերել, ― ասաց ու աղջկա գլուխը թողեց, որ ընկնի գետին։

― Ոչ մի գազան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ինքդ ես կուլ տվել, հա՞։

― Կարծես թե, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Եվ ի՞նչ, համե՞ղ էր, ― Պիլարը շրջվեց նրա կողմն ու քմծիծաղեց։

― Ոչ այնքան։

― Այդպես էլ կարծում էի, ― ասաց Պիլարը։ ― Այդպես էլ կարծում էի։ Նապաստակիդ քեզ եմ վերադարձնում։ Չէի էլ փորձում խլել նապաստակիդ։ Լավ անուն ես գտել։ Առավոտյան լսեցի, երբ դու նրան այդպես էիր անվանում։

Ռոբերտ Ջորդանն զգաց, որ դեմքը շիկնում է։

― Ծանր, բարդ կին ես, ― ասաց նրան։

― Չէ, ― ասաց Պիլարը։ ― Բայց ինչքան էլ որ պարզ եմ, այնուամենայնիվ ինձ հասկանալը շատ բարդ է։ Իսկ դո՞ւ, Ingles, շատ բարդ չե՞ս։

― Ոչ։ Բայց շատ պարզ էլ չեմ։

― Դու ինձ դուր ես գալիս, Ingles, ― ասաց Պիլարը։ Հետո ժպտաց, կռացավ ու թափ տվեց գլուխը։ ― Ա՛յ, եթե կարողանայի հիմա նապաստակին քեզանից խլել, քեզ էլ նապաստակիցդ։

― Չէիր կարողանա։

― Գիտեմ, ― ասաց Պիլարը և նորից ժպտաց։ ― Ասենք ոչ էլ ցանկություն ունեմ։ Բայց եթե ջահել ժամանակս լիներ, կխլեի։

― Հավատում եմ։

― Հավատո՞ւմ ես։

― Անպայման, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց անիմաստ խոսակցություն է այս ամենը։

― Այս ամենը քեզ նման չէ, ― ասաց Մարիան։

― Այսօր ես առհասարակ այնքան էլ ինձ նման չեմ, ― ասաց Պիլարը։ ― Կամ շատ քիչ եմ ինքս ինձ նման։ Քո այդ կամրջից գլուխս սկսեց ցավել, Ingles:

― Ուրեմն այսուհետև կարող ենք այն անվանել Գլխացավի կամուրջ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ես այդ կամուրջը թռչունի ջարդված վանդակի նման անդունդն եմ լցնելու։

― Լավ է, ― ասաց Պիլարը։ ― Էլի նման մի բան ասա։

― Այդ կամուրջը կլպած բանանի նման երկու կես եմ անելու։

― Այ, բանան լիներ կուտեի, ― ասաց Պիլարը։ ― Շարունակի՛ր, ասա՛, էլի՛ ասա։

― Բավական է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դե գնանք ճամբար։

― Դարձյալ քո այդ գործը, ― ասաց Պիլարը։ ― Շատ շուտով դրա էլ ժամանակը կգա։ Ես ասել էի, որ ձեզ առանձին եմ թողնելու։

― Չէ՛։ Անելու շատ բան ունեմ։

― Դա էլ է անելու բան, շատ էլ ժամանակ չի խլի։

― Դե լռի՛ր, Պիլա՛ր, ― ասաց Մարիան։ ― Գռեհիկ բաներ ես ասում։

― Ես գռեհիկ եմ, ― ասաց Պիլարը։ ― Բայց միաժամանակ շատ նրբանկատ եմ։ Soy muy delicada: Ես ձեզ առանձին եմ թողնելու։ Խանդի մասին ասածները հիմարություններ էին։ Խոակինը զայրացրեց ինձ, նրա հայացքից հանկարծ զգացի, թե ինչ տգեղն եմ։ Բայց մի բանի նախանձում եմ, այն, որ դու տասնինը տարեկան ես։ Դա էլ մի բան է, որ կանցնի։ Դու էլ միշտ տասնինը տարեկան չես մնա։ Իսկ հիմա ես գնացի։

Նա վեր կացավ ու ձեռքը մեջքին դրած նայեց Ռոբերտ Ջորդանին, որը նույնպես կանգնել էր։ Մարիան գլխահակ նստել էր ծառի տակ։

― Գնանք իրար հետ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այդպես ավելի լավ կլինի, անելու շատ բան ունեմ։

Պիլարը գլխով ցույց տվեց Մարիային, որը շրջվել էր ու լուռ նստել։ Կինը ուսերը թեթևակի բարձրացրեց, ժպտաց ու ասաց․

― Ճանապարհը գիտե՞ք։

― Ես գիտեմ, ― ասաց Մարիան առանց գլուխը բարձրացնելու։

― Pues me voy, ― ասաց Պիլարը։ ― Որ այդպես է, ես գնացի։ Գնամ մի համեղ բան պատրաստեմ, որ ընթրիքին ուտես, Ingles:

Ցախիներով ծածկված մարգագետնով կինը քայլեց դեպի առվակը, որը հոսում֊գնում էր ճամբարի կողմը։

― Սպասի՛ր, ― գոռաց նրա ետևից Ռոբերտ Ջորդանը։ ― Ավելի լավ է միասին գնանք։

― Մարիան լուռ նստել էր։

― Պիլարը շրջվեց։

― Que va, միասին։ Ես ձեզ կսպասեմ ճամբարում։

Ռոբերտ Ջորդանը մնաց տեղում կանգնած։

― Մի բան չպատահի՞, ― ասաց Մարիային։ ― Քիչ առաջ իրեն վատ էր զգում։

― Թո՛ղ գնա, ― ասաց Մարիան՝ գլուխը տակավին հակած։

― Ես պետք է հետը գնայի։

― Թո՛ղ գնա, ― ասաց Մարիան։ ― Թո՛ղ գնա։

Գլուխ տասներեքերորդ

Նրանք քայլում էին լեռնային արոտով, և Ռոբերտ Ջորդանը զգում էր սրունքներին կառչող ցախիների ծակոցները, զգում էր ազդրի վրա պատյանով կախված ատրճանակի ծանրությունը, գլխին զգում էր արևի տաքությունը, մեջքին՝ լեռների կատարների ձյան սառնությունը բերող քամու շոյանքը, ափի մեջ՝ աղջկա ձեռքը՝ ամուր, ուժեղ, զգում էր իր մատներին պլլված նրա մատները։ Եվ ափերի այդ սեղմումից, մատների այդ պլլումից, դաստակների հպումից, նրան համակել էր ինչ֊որ բոլորովին նոր, թարմ զգացողություն, որը նման էր ծովի խաղաղ հայելին խորշոմող քամու առաջին քնքուշ շոյանքին, նման էր շրթունքների վրայով սահեցվող փետուրի թեթև հպումին, նման էր ծառից պոկված տերևի անկումին, այն պահին, երբ շուրջը համատարած անդորր է։ Այնքան մեղմ զգացողություն էր դա։ Բայց մատների ամուր պլլումից, ափերի ու դաստակների պինդ սեղմումից այդ զգացողությունն հետզհետե այնպես ուժգնացավ, սաստկացավ, տանջալից, տառապալից դարձավ, որ թվաց, թե էլեկտրական հոսանք անցավ թևի միջով, տարածվեց ամբողջ մարմնում, վերածվեց ցավագին, ամենակուլ մի ցանկության։ Արևն ընկել էր աղջկա ցորենագույն փայլփլող մազերին, ոսկյա, շագանակագույն անուշիկ դեմքին, պարանոցի կորության վրա, և Ռոբերտ Ջորդանը ետ տարավ նրա գլուխը, գրկեց ու համբուրեց։ Աղջիկը դողում էր իր գրկում։ Ավելի ամուր սեղմեց, խակի գույնի զույգ շապիկի տակից զգաց աղջկա փոքրիկ ու ձիգ կրծքերն իր կրծքավանդակին, ձեռքը տարավ, քանդեց շապկի կոճակները, կռացավ, համբուրեց, աղջիկը կանգնել էր դողով բռնված, գլուխը ետ գցած, ձեռքերը՝ կախ։ Հետո աղջկա կզակը հպվեց իր գլխին, նա ափերի մեջ առավ իր գլուխն ու ձգեց իրեն։ Ռոբերտ Ջորդանն ուղղվեց, երկու թևերով ամուր գրկեց աղջկան, պոկեց գետնից, զգաց դողդողացող աղջկա շրթունքներն իր վզին, հետո դրեց գետնին ու ասաց․

― Մարի՛ա, օ՜ իմ Մարիա։

Հետո ասաց․

― Ո՞ւր ենք գնալու։

Աղջիկը լուռ ձեռքը տարավ և սկսեց քանդել Ռոբերտ Ջորդանի վերնաշապկի կոճակներն ու ասաց․

― Ես էլ քեզ։ Ես էլ քեզ եմ ուզում համբուրել։

― Ոչ, փոքրիկ նապաստակ։

― Այո՛։ Այո՛։ Ամեն ինչ, ճիշտ այնպես, ինչպես դու։

― Չի լինի։ Դա հնարավոր չէ։

― Լավ, եթե այդպես է։ Հետո։ Հետո։

Հետո տրորված ցախիկի բույրը եղավ, եղան աղջկա գլխատակին ջարդոտված ցողունների ծակծկոցները, եղան արևի ճառագայթները նրա փակ կոպերի վրա, և Ռոբերտ Ջորդանն ամբողջ կյանքում հիշելու է աղջկա պարանոցի աղեղը, ցախիների մեջ ետ գցած նրա գլուխը, թեթևակի, իրենք իրենց շարժվող շրթները և արևի դեմ, ամեն ինչի դեմ փակված աչքերի վրա թրթռացող թարթիչները։ Աղջկա կոպերի տակ հիմա ամեն ինչ կարմիր էր, նարնջագույն, ոսկեկարմիր, ամեն ինչ՝ և՛ լիանալը, և՛ տիրանալը, և՛ ունենալը, ամեն ինչ այդ գույնն ուներ, այդ կուրացնող գույնը։ Իր համար դա մի մթին անցուղի էր, որը տանում էր դեպի ոչ ուր, հետո դարձյալ ոչ ուր, ու նորից ոչ ուր, և կրկին ու դարձյալ ոչ ուր, միշտ ու անվերջ ոչ ուր, արմունկները խրված հողի մեջ նա գնում էր ոչ ուր, և այդ երթը վախճան չուներ, հավերժական էր, ուժերից վեր, վեր, և շարունակում էր նա գնալ ոչ ուր, ու հանկարծ այդ այրող, լիովին նրան գերած դեպի ոչ ուր տանող այդ խավարը ցրվեց, և ժամանակը կանգ առավ, ու հիմա երկուսով էին, միայնակ, այդ կանգ առած ժամանակի մեջ, ու Ռոբերտ Ջորդանն զգաց, որ երկիրը շարժվեց, ճոճվեց իրենց տակ։

Հետո նա պառկեց կողքի վրա, գլուխը ցախիների մեջ, ռունգերը լցված ցախու, արմատների ու հողի բույրով, իսկ արևն ընկել էր չոր ցողուններից քերծված նրա մերկ ուսերին ու լանջերին, աղջիկը պառկել էր դիմացը, նրա աչքերը տակավին փակ էին, հետո նա բարձրացրեց կոպերն ու ժպտաց։ Հոգնած ու հեռվից եկող, բայց քնքուշ ձայնով Ռոբերտ Ջորդանն ասաց․

― Ողջո՛ւյն, նապաստակ։

Աղջիկը ժպտաց և շատ մոտիկից եկող ձայնով ասաց․

― Ողջո՛ւյն, իմ Ingles:

― Ես Ingles չեմ, ― ասաց նա ծույլ֊ծույլ։

― Ingles ես, Ingles, ― ասաց աղջիկը։ ― Դու իմ Ingles֊ն ես, ― և ձեռքերը տարավ, բռնեց նրա զույգ ականջներն ու համբուրեց ճակատը։ ― Ահա այսպես, ― ասաց նա։ ― Ո՞նց է։ Արդեն ավելի լավ եմ համբուրում, չէ՞։

Հետո կողք֊կողքի քայլեցին առվի եզերքով։

― Մարիա՛, ես քեզ սիրում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― դու այնքան անուշիկ ես, այնքան հիանալի, այնքան գեղեցիկ, ինձ թվում է, թե կմեռնեմ քեզ սիրելիս։

― Օ՜, ― ասաց աղջիկը։ ― Ես ամեն անգամ մեռնում եմ։ Դու չե՞ս մեռնում։

― Ո՛չ։ Համարյա ոչ։ Իսկ դու զգացի՞ր, թե ինչպես երկիրը շարժվեց, ճոճվեց։

― Այո՛։ Երբ ես մեռնում էի։ Գրկի՛ր ինձ, խնդրում եմ։

― Ո՛չ։ Ձեռքդ բռնել եմ՝ բավական է։

Նա նայեց աղջկան, հետո մարգագետնից դենը՝ որսի դուրս եկած ուրուրին, լեռներից շարժվող իրիկնային թանձր ամպերին։

― Ուրիշների հետ այդպիսի բան չե՞ս զգում, ― հարցրեց Մարիան։ Նրանք հիմա իրար ձեռք բռնած քայլում էին։

― Ոչ։ Իսկապես։

― Շատերի՞ն ես սիրել։

― Եղել են։ Բայց ոչ մեկին այնպես չեմ սիրել, ինչպես քեզ։

― Եվ այսպես չի՞ եղել։ Ճիշտն ասա։

― Հաճելի է եղել, բայց այսպես չի եղել։

― Եվ հետո երկիրը շարժվեց, ճոճվեց։ Իսկ առա՞ջ, երբեք չի՞ շարժվել, չի՞ ճոճվել։

― Ո՛չ։ Իսկապես, երբեք։

― Այո՛, ― ասաց աղջիկը։ ― Եվ մենք ընդամենը մի օր ենք ունեցել։

Ռոբերտ Ջորդանը լուռ էր։

― Բայց ունեցել ենք, եղել է այդ օրը, ― ասաց Մարիան։ ― Իսկ ես դուր գալի՞ս եմ քեզ։ Դուր գալի՞ս եմ։ Ես հետագայում կսիրունանամ։

― Դու հիմա էլ շատ գեղեցիկ ես։

― Ո՛չ, ― ասաց նա։ ― Ձեռքդ դիր գլխիս։

Նա ձեռքը դրեց աղջկա գլխին, սկսեց շոյել և զգաց, թե ինչպես նրա կարճ, փափուկ ու սահուն մազերը դուրս էին թռչում մատների արանքներից, հետո մյուս ձեռքն էլ տարավ գլխին, դեմքը շրջեց իրեն ու համբուրեց։

― Համբուրել շատ եմ սիրում, ― ասաց աղջիկը։ ― Բայց չեմ կարողանում լավ համբուրել։

― Դրա կարիքը դու չունես։

― Ո՛չ, ունեմ։ Եթե ես քո կինն եմ լինելու, պետք է կարողանամ ամեն կերպ քեզ դուր գալ։

― Դու ինձ ինչքան որ պետք է դուր ես գալիս։ Ավելի շատ դուր գաս որ ի՞նչ։

― Դու դեռ կտեսնես, ― ուրախ ասաց աղջիկը։ ― Հիմա քեզ համար զվարճալի է, որ մազերս այսպես կարճ են։ Շուտով այնքա՜ն կերկարեն, ու ես այլևս այսպիսի տգեղ տեսք չեմ ունենա, և դու ինձ թերևս շատ սիրես։

― Դու հրաշալի մարմին ունես, ― ասաց նա։ ― Աշխարհի ամենահրաշալի մարմինը։

― Ոնց որ երեխա աղջկա մարմին լինի, լղար։

― Ո՛չ։ Գեղեցիկ մարմնի մեջ ինչ֊որ կախարդող բան կա։ Չգիտեմ ինչից է, որ մեկի մոտ այդ բանը կա, իսկ մի ուրիշի՝ ոչ։ Բայց դու ունես։

― Քեզ համար է այդպես, ― ասաց աղջիկը։

― Ո՛չ։

― Այո՛։ Քեզ համար, և միշտ էլ քեզ համար, միայն քեզ համար։ Բայց դա դեռ շատ քիչ է քեզ համար։ Ես դեռ կսովորեմ շատ ավելի լավ սիրել քեզ։ Բայց ճիշտն ասա։ Առաջ էլ զգացե՞լ էիր երկրի շարժումը։

― Երբեք, ― ասաց նա։ Եվ նա ճիշտ էր ասում։

― Հիմա ես երջանիկ եմ, ― ասաց աղջիկը։ ― Հիմա ես իսկապես երջանիկ եմ։ Իսկ դու ինչ֊որ ուրիշ բանի մասին ես մտածում հիմա։

― Այո՛։ Գործիս։

― Ես կուզեի, որ հիմա ձիեր լինեին, ― ասաց Մարիան, ― և ես, այսպես երջանիկ, հեծած լինեի մի ձիու ու սլանայի, և դու լինեիր կողքիս, սլանայիր արագ, շատ արագ, քառատրոփ, որպեսզի երջանկությունս երբեք ինձնից առաջ չանցներ։

― Կարող ենք օդանավ նստել, որպեսզի երջանկությունդ քեզնից առաջ չանցնի, ― ասաց Ռոբերտ Ջորդանն արդեն խորասուզված իր խոհերի մեջ։

― Եվ թռչել երկնքում, դեպի վեր, միշտ դեպի վեր, փոքրիկ արևի տակ փայլփլող հետապնդիչ ինքնաթիռների նման, և պտույտներ տալ, թավալ գալ օդում։ Que bueno,[48] ― ասաց աղջիկն ու ծիծաղեց։ ― Երջանկությունս չի էլ նկատի այդ ամենը։

― Լավ պինդն է այդ երջանկությունդ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն՝ արդեն համարյա չլսելով աղջկան։ Որովհետև նա հիմա այդտեղ չէր։ Քայլում էր աղջկա կողքով, բայց միտքը կամրջով էր զբաղված, հիմա այնպես հստակ, որոշակի ու ցայտուն էր նրան երևում ամեն ինչ, ասես լուսանկարչական ապարատի ֆոկուսի մեջ ընկած պատկեր։ Նա տեսնում էր երկու պահակակետերը, տեսնում էր Անսելմոյին ու գնչուին, որոնք հետևում էին ճանապարհի անցուդարձին։ Տեսնում էր ճանապարհը, զորքերի շարժումը։ Տեսնում էր այն ամենահարմար կետը, որտեղ տեղադրելու էր գնդացիրները, որպեսզի կրակի տակ առնի թշնամուն։ Իսկ ո՞վ է կրակելու դրանցից, մտածեց նա։ Վերջում՝ ես, իսկ սկզբո՞ւմ։ Նա մտովի տեղադրեց դինամիտները, ամրացրեց, կապեց իրար, հրապատիճները դրեց իրենց տեղերը, քաշեց լարերը, ծայրերը միացրեց ու եկավ դետոնատորի մաշված արկղի մոտ և սկսեց մտածել հնարավոր պատահականությունների մասին, որոնք կարող են փչացնել ամբողջ գործը։ Վերջացրո՛ւ, ասաց ինքն իրեն։ Հենց նոր սեր արեցիր այս աղջկա հետ, հիմա ուղեղդ պայծառ֊պայծառ է, և սկսում ես տագնապել։ Մի բան է մտածելը, թե ինչ պետք է անես, բոլորովին այլ բան է տագնապելը։ Մի՛ տագնապիր։ Դու պետք չէ տագնապես։ Դու գիտես, թե ինչ ես անելու, գիտես նաև, թե ինչ կարող է պատահել։ Անշուշտ, կարող է պատահել։

Դու սա հանձն առար, լավ իմանալով, թե հանուն ինչի ես մարտնչում։ Դու մարտնչում ես հենց այն բանի դեմ, ինչ ինքդ ես անում և ստիպված ես անելու, որպեսզի հաղթանակը հնարավոր դառնա։ Քեզ համար սիրելի այս մարդկանց դու հիմա օգտագործելու ես ճիշտ այնպես, ինչպես զինվորներին, որոնց նկատմամբ ոչ մի զգացմունք չեն տածում, նրանք պետք են միայն ու միայն հաջողության հասնելու համար։ Պաբլոն, այո, բոլորից խելացի է։ Նա անմիջապես կռահեց, թե ինչպիսի վատ հետևանքներ կարող են լինել։ Կինն ամբողջ էությամբ կանգնած էր այս գործի կողմը, հիմա էլ տակավին շարունակում է այդպես մնալ, բայց հետզհետե սկսում է պատկերացնել, թե ինչն ինչոց է։ Սորդոն տեղնուտեղն հասկացավ բանի էությունը, բայց կմասնակցի, թեև դա նրան, ինչպես որ Ռոբերտ Ջորդանին, առանձնապես դուր չի գալիս։

Ուրեմն ասում ես, որ դու ոչ թե քո մասին ես մտածում, այլ կնոջ, աղջկա և մյուսների։ Դե լավ։ Իսկ ի՞նչ կպատահեր նրանց, եթե դու չգայիր։ Ինչե՞ր են պատահել նրանց և ինչե՞ր են տեղի ունեցել այստեղ մինչև քո գալը։ Ո՛չ, պետք չէ այդ ձևով մտածել։ Դու նրանց համար պատասխանատու չես կամ պատասխանատու ես միայն այնքանով, որ մասնակցում են այս գործին։ Հրամանը դու չես արձակել։ Հրամանն արձակել է Գոլցը։ Իսկ ո՞վ է Գոլցը։ Լավ զորավար։ Լավագույնն այն բոլորի մեջ, որոնց հրամանատարության տակ դու ծառայել ես։ Բայց արդյո՞ք պիտի կատարել այն հրամանները, որոնց իրականացումը անհնար է, և գիտես, թե ինչի են հասցնելու, թեկուզ եթե այդ հրամանն արձակողը Գոլցը լինի, որը ոչ միայն բանակի հրամանատարության, այլ նաև կուսակցության ներկայացուցիչն է։ Այո՛։ Պետք է կատարել, որովհետև միայն կատարելով կարելի է ապացուցել, որ դա անհնար է։ Եվ ի՞նչ տեղի կունենար, եթե յուրաքանչյուր ոք հրաման ստանալիս ասեր, թե իրագործումն անհնար է։ Ո՞ւր կհասնեինք, եթե ամենքս մի բերան ամեն մի հրամանի առթիվ «ահնար է» ասեինք։

Այնքա՜ն հրամանատարների էր հանդիպել արդեն, որոնց համար բոլոր հրամանների իրագործումը անհնար էր։ Դիցուք այդ խոզ Գոմեսը, Էսթրեմադուրայում։ Այնքան հարձակումների էր մասնակցել, երբ թևերն անշարժ մնացել էին իրենց տեղերում, որովհետև մտածել էին, թե առաջ շարժվելն անհնար է։ Ո՛չ, ինքը կանի, ինչ հրամայված է, թեև, ի դժբախտություն իրեն, սիրում է այն մարդկանց, որոնք իր հետ միասին կատարելու են այդ հրամանը։

Պարտիզաններն իրենց գործողություններով միշտ նորանոր վտանգներ ու դժբախտություններ են բերել այն մարդկանց գլխին, որոնք պատսպարել ու գործակցել են նրանց։ Հանուն ինչի՞։ Հանուն այն բանի, անշուշտ, որ այլևս վտանգներ չլինեն, որ բոլորի համար էլ լավ լինի այս երկրում ապրելը։ Ինչքան էր ծեծված, հանրահայտ խոսքեր լինեն սրանք, միևնույն է, ճշմարիտ են։

Եթե Հանրապետությունը պարտվի, բոլոր այն մարդկանց համար, ովքեր հավատացել են նրան, անհնար է դառնալու Իսպանիայում ապրելը։ Բայց իրո՞ք։ Այո՛, անհնար է դառնալու, նա տեսել էր, թե ինչեր են կատարվել երկրի այն շրջաններում, որոնք ընկել էին ֆաշիստների տիրապետության տակ։

Պաբլոն խոզ է, բայց մնացածները հիանալի մարդիկ են, և մի՞թե դավաճանություն չէ նրանց այս գործի մեջ ներքաշելը։ Թերևս այո, բայց եթե չանեն էլ այս գործը, միևնույն է, մի շաբաթից հետո երկու հեծելավաշտ գալու է ու ոչնչացնելու նրանց։

Չէ՛։ Ոչ մի բան չես շահի նրանց հանգիստ թողնելով։ Գուցե միայն այն, որ կպահպանվի սկզբունքը՝ ամեն մի մարդ իր գլխի տերն է և ոչ ոք չպետք է միջամտի նրա գործերին։ Ուրեմն այդպես է կարծում, հա՞։ Այո՛, այդպես է կարծում։ Հապա պլանավորված հասարակությո՞ւնը, մնացա՞ծը։ Դա իր բանը չէ, թող ուրիշները դրա մասին հոգան։ Պատերազմից հետո ինքը ուրիշ գործով է զբաղվելու։ Հիմա եկել ու կռվում է այստեղ, որովհետև այս պատերազմը տեղի է ունենում այն երկրում, որն իրեն սիրելի է, որովհետև ինքը հավատում է Հանրապետությանը, և եթե խորտակվի, կյանքն անտանելի է դառնալու այն մարդկանց համար, ովքեր հավատացել են Հանրապետությանը։ Պատերազմի ընթացքում ինքնակամ ենթարկվեց կոմուսնիստական կարգապահության։ Այստեղ, Իսպանիայում, կոմունիստները ցույց տվեցին, որ լավագույն կարգապահությունը, ամենաառողջ և ամենաողջախոհ ռազմավարական արվեստը իրենցն է։ Պատերազմի ժամանակաշրջանի համար ընդունել էր նրանց կարգապահությունը, որովհետև ռազմական գործում դա միակ կուսակցությունն էր, որի ծրագրին ու կարգապահությանը կարող էր հարգանքով վերաբերվել։

Իսկ իր քաղաքական համոզմունքնե՞րը։ Առայժմ ոչ մի համոզմունք չունի, ասաց ինքն իրեն։ Բայց այդ մասին պետք չէ ոչ ոքի ասել, մտածեց նա։ Առհասարակ այդ միտքը ուղեղիցդ հանիր֊գցիր։ Իսկ ի՞նչ ես հետագայում անելու։ Գնալու եմ և նախկինի նման իսպաներեն դասավանդելով վաստակելու եմ օրվա ապրուստս ու գրելու եմ ճշմարտապատում մի գիրք։ Անպայման գրելու եմ, ասաց նա։ Գրազ կգամ, շատ հեշտ կգրեմ այդ գիրքը։

Արժեր Պաբլոյի հետ մի քիչ քաղաքականությունից զրուցել։ Հետաքրքիր է, թե ինչ ուղղությամբ է ընթացել նրա քաղաքական հայացքների զարգացումը։ Հավանաբար ձախից աջ, դասական տեղաշարժի կանոններով, ինչպես ծերուկ Լեռուինը։ Պաբլոն շատ է նման Լեռուին։ Նույնքան վստահ էր նաև Պրիետոն։ Ե՛վ Պաբլոն, և՛ Պրիետոն հավասարապես հավատում են վերջնական հաղթանակին։ Դրանց բոլորի քաղաքական հայացքներն էլ ձիագողի են։ Հանրապետական կառավարման ձևին ես կողմ եմ, բայց պետք է ազատվել ձիագողերի այս հրոսակախմբից, որը խռովության նախօրյակին երկիրը բերեց ու կանգնեցրեց անդունդի եզրին։ Եղե՞լ է արդյոք ուրիշ մի երկիր ևս, որի առաջնորդները, ինչպես սրանք, իրենց ժողովրդի ոխերիմ թշնամիները լինեին։

Ժողովրդի թշնամիներ։ Կարելի է խուսափել այդ արտահայտությունից։ Մաշված արտահայտություն է, ավելի լավ է թռչես վրայից։ Ահա և Մարիայի հետ պառկելու արդյունքը։ Դարձել է անհանդուրժող, քաղաքական նեղմիտ հայացքների տեր մարդ, ոնց որ հաստակող բապտիստ և «ժողովրդի թշնամի» կամ նման արտահայտություններն սկսել են իրենք իրենց, անքննադատ խուժել ուղեղը։ Ինչ֊որ cliche֊ներ՝ հեղափոխական, հայրենասիրական։ Գործածում է, ոչ մի քննադատական վերաբերմունք։ Բանն այն չէ, որ դրանք ճիշտ չեն, այլ այն, որ շատ հեշտ են դուրս թռչում բերանից։ Բայց անցյալ գիշերվանից ու քիչ առաջ տեղի ունեցածից հետո այս հարցերն ավելի պայծառ ու հստակ է սկսել պատկերացնել։ Տարօրինակ բան է մոլեռանդությունը։ Մոլեռանդ լինելու համար պետք է բացարձակապես համոզված լինես, որ դու իրավացի ես, իսկ ոչ մի բան այնպես չի ամրացնում համոզվածության և իրավացիության այդ զգացումը, ինչպես ժուժկալությունը։ Ժուժկալությունն է հերձվածողության հակադիր ուժը։

Տեսնես այս դրույթը քննության կդիմանա՞։ Հավանաբար սա է պատճառը, որ կոմունիստները մարտնչում են բոհեմականության դեմ։ Անկցի բոհեմականությունը՝ Մայակովսկու մեղքը։

Բայց Մայակովսկին նորից է սրբերի շարքն անցել։ Դե որովհետև անվտանգ ննջեցյալ է արդեն։ Ինքդ էլ շուտով անվտանգ ննջեցյալ կդառնաս, ասաց ինքն իրեն։ Վերջ տուր նման մտքերին։ Մտածիր Մարիայի մասին։

Մարիան շատ ծանր փորձություն էր իր մոլեռանդության համար։ Առայժմ աղջիկը չէր սասանել իր վճռականությունը, բայց արդեն գերադասում էր չմեռնել։ Հիմա ուրախությամբ կհրաժարվեր հերոսի կամ նահատակի վախճանից։ Հիմա ո՛չ Թերմոփիլեսի հերոս է ուզում դառնալ, ո՛չ Հորացիոս ինչ֊որ կամրջի վրա, ո՛չ էլ ամբարտակի բացվածքը մատով խցանած հոլանդացի մանչուկ։ Ո՛չ։ Նա գերադասում էր ինչքան կարելի է երկար լինել Մարիայի հետ։ Պարզապես այսքան մի բան։ Ուզում էր երկար, երկար ժամանակ լինել նրա հետ։

Նա չէր հավատում, որ այդպիսի երկար ժամանակ կլինի, բայց եթե երբևիցե լիներ, նա պիտի ուզեր անցկացնել այն Մարիայի հետ։ Կգնայինք պանդոկ և կգրանցվեինք, դիցուկ, որպես դոկտոր և տիկին Լիվինգստոններ, մտածեց նա։

Իսկ ինչո՞ւ չամուսնանալ նրա հետ։ Իսկապես, ինչո՞ւ, մտածեց նա։ Կամուսնանամ։ Կդառնանք տեր ու տիկին Ռոբերտ Ջորդան Սան֊Վելիից, Այդահոյի նահանգ։ Կամ Կորպուս Քրիստիից, Տեխասի նահանգ, կամ Բյուտից, Մոնտանայի նահանգ։

Իսպանուհիները հիանալի կին են լինում։ Ես դա գիտեմ, թեև երբեք չեմ ունեցել։ Եվ երբ նորից անցնեմ իմ պաշտոնին, նա կդառնա համալսարանի դասատուի կին, և չորրորդ տարվա ուսանողները կայցելեն մեզ երեկոյան՝ ծխամորճ ծխելու և ոչ պաշտոնական հանգամանքներում դատողություններ անելու Քևեդոյի, Լոպե դե Վեգայի, Գալդոսի և մյուս հրաշալի ննջեցյալների մասին, այն ժամանակ Մարիան կարող է նրանց պատմել, թե ինչպես ճշմարիտ հավատի կապույտ֊շապկավոր խաչակիրներից մեկը նստեց իր գլխին, մյուսները ոլորեցին թևերը, փեշերը բարձրացրին ու խցկեցին բերանը։

Տեսնես ինչպե՞ս կընդունեն Մարիային Միսուլայում, Մոնտանայի նահանգում։ Եթե, անշուշտ, կարողանամ վերստին աշխատանքի անցնել Միսուլայում։ Կարծում եմ, որ հիմա ինձ վերջնականապես սև ցուցակում են գրանցել որպես կարմիր։ Բայց թե ի՞նչ իմանաս։ Երբեք չես կարող ասել։ Ախր նրանք ոչ մի փաստ չունեն այստեղի քո գործունեության մասին և եթե պատմես էլ, միևնույն է, չեն հավատա, բացի այդ՝ դու Իսպանիա մեկնելու վիզա ստացել ես մինչև սահմանափակումները։

Վիզայիս ժամկետը լրանում է երեսունյոթի աշնանը։ Եկել եմ երեսունվեցի ամռանը։ Արձակուդս մեկ տարով է, բայց աշխատանքի պարտավոր եմ ներկայանալ ուսումնական նոր տարվա սկզբին։ Դեռ երկար ժամանակ կա մինչև աշուն։ Ասենք եթե գործը դրան հասավ, այսօրվա և վաղը չէ մյուս օրվա համար մտահոգվելու կարիք չկա։ Աշնանը կվերադառնա, և ամեն ինչ կկարգավորվի։ Միայն թե չուշանա։

Բայց, այնուամենայնիվ, շատ երկար ժամանակ է արդեն, որ տարօրինակ կյանք ես վարում։ Մեռնեմ թե տարօրինակ չէ։ Իսպանիան քո մասնագիտությունն է, քո գործը, այնպես որ Իսպանիայում քո գտնվելը և՛ բնական էր, և՛ բանական։ Ամառային արձակուրդներին աշխատել ես ինժեներական նախագծերի, անտառային ճանապարհների շինարարության վրա, հրետանային պարկում, վառոդի հետ ես գործ ունեցել, այնպես որ, եթե այսօր պայթեցումներով ես զբաղվում, դա էլ է բնական ու բանական։ Միայն թե այս գործում պետք է միշտ աճապարես, այլապես լավ գործ է։

Եթե պայթեցումն ընդունես որպես սոսկ տեխնիկական խնդիր, ապա այդտեղ ոչ մի արտակարգ բան չկա։ Բայց կա խնդրի մյուս երեսը, և, աստված իմ, այդ ինչքան հեշտ ու հանգիստ ստանձնեցիր դու այդ գործը։ Ամեն մի պայթեցում նախագծելիս, դու սպանության լավագույն տարբերակ ես որոնում, որովհետև սպանությունը պարտադիր հանգամանք է այդ գործում։ Եվ արդյո՞ք մեծ֊մեծ բառերը կարող են արդարացում լինել։ Մի՞թե այդ խոսքերից սպանության տեսքն ավելի հաճելի կդառնա։ Եթե անկեղծ լինենք, դու ինչ֊որ շատ պատրաստակամորեն հանձն առաջ այս գործը։ Իսկ ինչի՞ նման կլինես, կամ, ավելի ճիշտ, ի՞նչ բանի պետք կգաս, երբ ծառայությունդ ավարտես Հանրապետությունում։ Դժվար է կռահել, մտածեց նա։ Բայց կարծում եմ մի միջոց կա այս ամենից ազատվելու, դա այս ամենի մասին գրելն է, ասաց ինքն իրեն։ Երբ գրես֊վերջացնես, ամեն ինչ կանցնի֊կգնա։ Եթե կարողանաս գրել, լավ գիրք կլինի։ Շատ ավելի լավ, քան այն մեկը։

Իսկ առայժմ դու ապրում ես ու ապրելու ես այսօրով, այս գիշերով և վաղվա օրով․ այսօրով, այս գիշերով ու վաղվա օրով․ և դարձյալ ու դարձյալ (հուսով եմ), մտածեց նա, այնպես որ՝ լավ կանես ինչ կարող ես, այն էլ վերցնես քեզ վիճակված կյանքի այս ժամանակից ու շնորհակալ լինես դրա համար։ Իսկ եթե կամրջի գործը վատ վախճան ունենա՞։ Առայժմ չի երևում, որ այնքան էլ լավ վախճան կունենա։

Բայց Մարիան լավն էր։ Լա՞վն էր որ։ Ո՞նց թե, դա խո՞սք է, մտածեց նա։ Գուցե միայն դա է մնացել, որ ես վերցնեմ կյանքից։ Գուցե հենց սա է իմ կյանքը՝ յոթանասուն տարվա փոխարեն քառասունութ ժամ, կամ յոթանասուն, ավելի ճիշտ, յոթանասուներկու։ Երեք օր քսանչորսով կանի յոթանասուներկու ժամ։

Կարծում եմ, որ հնարավոր է յոթանասուն ժամում այնպիսի լեցուն կյանք ապրել, ինչ յոթանասուն տարում, եթե, իհարկե, մինչև այդ յոթանասուն ժամը լեցուն կյանք ես ապրել և որոշակի տարիքի հասել։

Այ թե անհեթեթություններ եմ դուրս տալիս, մտածեց նա։ Ինչի ասես կարող ես հասնել քեզ ու քեզ այսպես տալով֊առնելով։ Իսկական անհեթեթություն։ Բայց ինչո՞ւ է անհեթեթություն։ Դե լավ, դեռ կտեսնենք։ Վերջին անգամ Մադրիդում էր, որ մի աղջկա հետ պառկեցի։ Չէ, Մադրիդում չէր, Էսկորիալում էր, և բավական հաճելի էր, եթե մի կողմ դնենք այն, որ գիշերվա կեսին արթնացել էի ու գրգռված տակնուվրա էի անում հիշողությանս մոխիրները իմանալու համար, թե ով է պառկած կողքիս։ Դրանից առաջ էլ Մադրիդում էր, և եթե ճիշտն ասենք, ամեն անգամ էլ նույնն է եղել, նույնիսկ ավելի վատ։ Ասածս այն է, որ ես իսպանացի կանանց գովքը անող ռոմանտիկներից չեմ և ավելի մեծ արժեք չեմ տալիս այս երկրում ունեցած իմ պատահական հանդիպումներին մի ուրիշ երկրում ունեցածներից։ Բայց ահա Մարիային այլ կերպ եմ սիրում, այնպես եմ սիրում, որ երբ հետն եմ լինում, թվում է, թե ուզում եմ այդպես էլ, տառացիորեն, մեռնել։ Երբեք չէի հավատա կամ մտածի, որ կարող է ինձ նման բան պատահել։

Այնպես որ, եթե հարկ լինի, յոթանասուն տարիս յոթանասուն ժամով փոխարինելու, ես հիմա արդեն փոխանակային արժեք ունեմ և երջանիկ եմ, որ գիտեմ, թե դա ինչն է։ Եվ եթե ինձ համար արդեն գոյություն չունեն այսպես կոչված երկար տարիներ, խոր ծերություն, հավիտյանս հավիտենից հասկացությունները, այլ կա միայն հիման, այս պահը, ուրեմն պետք է գնահատել հիման, և ես երջանիկ եմ հիմա, այս պահով։ Հիմա, ahora, maintenant, heute: Հիմա, տարօրինակ բան, այս հասկացության մեջ ամբողջ աշխարհն է ամփոփված, և կյանքդ։ Esta noche, այս գիշեր, ce soir, heute abend: Կյանք ու կին, vie և mari: Չեղավ, ֆրանսերենում կնոջ փոխարեն դուրս եկավ ամուսին։ Հիմա գանք Frau֊ին։ Բայց սրան առավել ևս դժվար է համահունչ բառ ճարելը։ Վերցնենք «մահացածը», mort, muerto և todt: Այս բոլորի մեջ ամենամահացածը todt֊ն է։ Պատերազմ, guerre, guerra և Krieg: Krieg֊ը ամենից ավելի է պատերազմ հիշեցնում։ Այդպե՞ս է։ Թե՞ թվում է, որովհետև գերմաներեն ավելի վատ գիտի։ Սիրելի, cherie, prenda և schatz: Այդ բոլորի փոխարեն կարող է ասել Մարիա։ Ա՛յ, անուն է։

Այդ այդպես, իսկ հիմա պիտի հանձնարարություն արվի, և դա պիտի անեն բոլորը միասին, շատ քիչ ժամանակ է մնացել։ Ինչքան պահը մոտենում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ այս գործը գլուխ բերելը հեշտ չէ։ Առավոտյան պայթեցնել նշանակում է մինչև մութն ընկնելը դիմադրել, որպեսզի կարողանա քաշվել ճամբար։ Խելքի մոտ բան չէ։ Իսկ եթե փորձենք, այնուամենայնիվ, ցերեկով նահանջել։ Ի՞նչ ես կարծում, հը՞։ Խեղճ Սորդո, նա նույնիսկ մի կողմ էր դրել կցկտուր, պոչատ իսպաներենն ու սկսել էր հանգամանորեն քեզ բացատրել, թե ինչն ինչոց է։ Բայց մի՞թե Գոլցից բաժանվելուց հետո անընդհատ դա չի եղել քո ուղեղում, երբ մեն֊մենակ ես մնացել քո չարագուշակ խոհերի հետ։ Մի՞թե դա չէ, որ երեկ չէ առաջին օրվանից տանջում է քեզ կոկորդում մնացած պատառի նման։

Տարօրինակ է։ Ամբողջ կյանքիդ ընթացքում ամեն մի նոր գործ ձեռնարկելիս թվացել է, թե այս մեկն ինչ֊որ նշանակություն ունի, բայց հասել ես ավարտին ու տեսել, որ սա էլ նույնն է, ոչ մի իմաստ։ Իսկ այս անգամ ոչ մի նման ակնկալություն չունեիր։ Դու արդեն մտածում էիր, որ նման բան երբեք չի լինի։ Եվ ահա, մի հիմար ներկայացման ժամանակ, երբ պարտիզանական երկու խեղճուկրակ խմբի օժանդակությամբ, հաջողության ոչ մի հույս չներշնչող հանգամանքներում պատրաստվում էիր պայթեցնելու մի կամուրջ, որպեսզի թշնամին հնարավորություն չունենա հակագրոհի, որը, ամենայն հավանականությամբ արդեն սկսվել էր, հանդիպեցիր մի աղջկա՝ Մարիային։ Դե ի՞նչ։ Դա չէ՞ր սպասածդ։ Միայն թե ուշ հանդիպեցիր նրան։

Աղջկան փաստորեն Պիլարը հրեց֊դրեց ննջապարկդ։ Ասենք թե, իսկ դրանից հետո ի՞նչ պատահեց։ Այո՛, ի՞նչ պատահեց։ Ասա՛, խնդրում եմ, ի՞նչ պատահեց։ Այո՛։ Պատահեց հենց այն։ Ճիշտ և ճիշտ այն, ինչ պատահեց։

Դե էլ մի՛ խաբիր ինքդ քեզ, թե այս ամենն իբր Պիլարի հրել֊գցելն էր։ Մի՛ խաբիր, ոչ էլ ասա, թե դատարկ կամ էլ զզվելի բան է։ Դու, ախր, հենց առաջին րոպեից, որ տեսել էիր աղջկան, արդեն կորցրել էիր գլուխդ։ Երբ աղջիկն առաջին անգամ բացել էր բերանն ու խոսել, դու հալվել էիր, և դու շատ լավ գիտես դա։ Հիմա, որ այդ բանը տեղի է ունեցել, թեև քո մտքով երբեք չէր անցնում, որ տեղի կունենա, իմաստ չունի դրա վրա ցեխ շպրտելը, մանավանդ որ գիտես, թե դա ինչ է նշանակում քեզ համար, գիտես հենց այն րոպեից, երբ եկաթյա տապակը ձեռքին աղջիկը դուրս եկավ քարայրից։

Այդ պահից դու խոցված էիր, և դու գիտես․ էլ ինչո՞ւ ուրեմն ստել։ Ներսդ ամբողջ տակնուվրա էր լինում ամեն անգամ, երբ նայում էիր աղջկան, կամ էլ երբ նա էր քեզ նայում։ Ինչո՞ւ չես ուզում ընդունել։ Լավ։ Ընդունում եմ։ Իսկ ինչ վերաբերում է Պիլարի հրել֊գցելուն, դա խելացի կնոջ արարք էր։ Նա ուշի֊ուշով հետևում էր աղջկան, և նրա համար ամեն ինչ պարզ էր դարձել, երբ աղջիկը տապակը ձեռքին վերադարձել էր քարայր։

Պիլարը դյուրացրեց գործը։ Նա գործը դյուրացրեց, և արդյունքն եղավ երեկվա գիշերը, եղավ այսօրվա հետմիջօրեն։ Ահավոր բանիմաց կին է, շատ ավելի, քան դու։ Նա գիտի ժամանակի արժեքը։ Այո, պետք է ընդունել, որ նա բավական լավ գիտի ժամանակի արժեքը։ Նա տառապել է, կորցրել է, և հիմա չի ուզում, որ ուրիշներն էլ կորցնեն, բայց միաժամանակ շատ դժվար է նրա համար կորցրած լինելու գաղափարի հետ հաշտվելը։ Նա շատ է տառապել այս սարերում, իսկ մենք չեմ կարծում, որ ինչ֊որ չափով թեթևացրինք նրա տառապանքը։

Եվ այսպես, պատահեց այն, ինչ պատահելու էր, իսկ մենք՝ Մարիան ու ես, նույնիսկ երկու լրիվ գիշեր չունենք մեր տրամադրության տակ։ Ոչ թե մի ողջ կյանք, ոչ թե համատեղ կյանքի երկարատև մի շրջան, որ մարդիկ որպես մաղթանք ասում են իրար, ո՛չ, բոլորովին։ Մի գիշերն արդեն անցել է, անցել է և այսօրվա հետմիջօրեն, մնացել է այս գիշերը, որը կարող է և չլինել։ Այո՛ տեր իմ։

Ո՛չ կյանք, ո՛չ երջանկություն, ո՛չ զվարճություն, ո՛չ երեխաներ, ո՛չ տուն, ո՛չ լոգարան, ո՛չ իսկ մի ձեռք մաքուր պիժամա, ո՛չ առավոտյան լրագրեր, չենք արթնանա նույն անկողնում, առավոտյան զարթնելիս չես տեսնի Մարիային քո կողքին։ Ոչ մի նման բան չի լինի։ Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, եթե սա է ընդամենը, ինչ ուզում ես դու կյանքից։ Ինչո՞ւ չպիտի կարողանաս գոնե մի գիշեր անցկացնել սավանով անկողնի մեջ։

Անհնարին բան ես ուզում։ Բացարձակ անհնարին։ Բայց եթե դու այս աղջկան, ինչպես ասում են, իսկապես շատ ես սիրում, ուրեմն այնքան ուժգին պիտի սիրես, որ սիրույդ ուժգնությունը լրացնի ժամանակի պակասը։ Լսո՞ւմ ես։ Հին ժամանակ մարդիկ այդ մի պահի համար ողջ կյանքն են նվիրաբերել։ Իսկ քո բախտը բերել է, առջևում դեռ երկու գիշեր ունես։ Երկու գիշեր։ Երկու գիշեր կարող ես սիրել, պատվել, փայփայել։ Դժբախտության ժամանակ և երջանկության։ Հիվանդության ժամանակ ու մահվան։ Չէ՛, այդպես չէր։ Հիվանդության ժամանակ ու առողջության։ Մինչ ի մահ։ Երկու գիշեր։ Ավելի քան հավանական է։ Ավելի քան հավանական։ Իսկ հիմա մի կողմ դիր այդ մտքերը։ Կանգ առ։ Դա կարող է քեզ վնասել։ Մի՛ արա այնպիսի բաներ, որոնք կարող են վնասել քեզ։ Իսկ դա կարող է, անպայման։

Սա նկատի ուներ Գոլցը։ Քանի գնում, Գոլցն այնքան ավելի խելացի էր թվում։ Իհարկե սա նկատի ուներ նա, երբ խոսում էր անկանոն ծառայության մասին։ Նրան էլ, հավանաբար, այսպիսի բան պատահել է, երևի սա բնական է նման հապճեպ կյանքի պայմաններում, երբ ժամանակը ուղղակի թռչում է։ Երևի նման հանգամանքներում բոլորի հետ էլ այս բանը տեղի է ունենում։ Մինչդեռ իրեն թվում է, թե դա ինչ֊որ յուրահատուկ բան է, որ միայն իրեն է պատահել։ Արդյո՞ք Գոլցն էլ այսպիսի արտորանքով պառկել ու վեր է կացել աղջիկների հետ, երբ կարմիր բանակի անկանոն հեծելազորի հրամանատար է եղել, և հանգամանքների ու մնացած բաների զուգակցումից արդյո՞ք այդ աղջիկները նրան էլ այնպես են թվացել, ինչպես Մարիան է հիմա իրեն թվում։

Գոլցն այս ամենը հավանաբար գիտեր և քեզ ուզում էր ասել, որ պետք է կարողանաս ողջ կյանքդ ապրել քեզ վիճակված այս երկու գիշերվա ընթացքում։ Ամբողջ կյանքդ, այն ամենը, ինչ կարող էիր երբևէ ունենալ, պիտի խտացնես, ամփոփես ժամանակի այս կարճ, քեզ բաժին մնացած հատվածում։

Լավ ուսմունք է, եթե հավատաս։ Բայց նա չէր հավատում, որ միայն հանգամանքներն են ստեղծել Մարիային։ Երևի որոշ հանգամանքներ, կապված և՛ Մարիայի հետ, և՛ իր, ինչ֊որ դեր խաղացին այստեղ։ Մարիայի հետ կապված այն մի հանգամանքը բոլորովին բանի նման չէ, մտածեց նա։ Չէ՛, բոլորովին բանի նման չէ։

Դե ի՞նչ արած, եթե այդպես է, թող լինի այդպես։ Բայց ինձ դուր չի գալիս, և այնպիսի օրենք չկա, որ պարտադրի ասելու, թե դա ինձ դուր է գալիս։ Ես չգիտեի, թե ընդունակ եմ զգալու այնպիսի բան, ինչ զգացի, մտածեց նա։ Որ նման բան կարող է պատահել ինձ։ Կուզեի, որ այդպես լիներ ամբողջ կյանքիս ընթացքում։ Այդպես էլ կլինի, ասաց իր երկրորդ կեսը։ Այդպես էլ կլինի։ Դու հիմա այդպես ես զգում, իսկ հիման քո ամբողջ կյանքն է։ Երեկվա օրը գոյություն չունի, չի լինի և ոչ մի վաղվա օր։ Ե՞րբ ես հասկանալու դա։ Կա միայն հիման, և այդ հիման միայն երկու օր է, միայն ու միայն, ուրեմն և կյանքդ է երկու օր, ու ամեն ինչ պետք է համապատասխանեցնես այդ երկու օրվան։ Ահա այդպես կարող ես երկու օրվա ընթացքում մի ամբողջ կյանք ապրել։ Եթե նվնվոցներիդ վերջ տաս ու չձգտես նրան, ինչը երբեք ձեռքդ չի ընկնելու, լավ կյանք կլինի ապրած կյանքդ։ Լավ կյանքը պարտադիր չէ, որ համապատասխանի կյանքի տևողության աստվծաշնչյան չափերին։

Դրա համար էլ վերջ տուր տագնապներիդ, գոհացիր քեզ վիճակվածով, գործը արա, ու կյանքդ կլինի և՛ շատ երկար, և՛ շատ ուրախ։ Ի՞նչ է, վերջին շրջանում ուրախ չէ՞ր։ Էլ ո՞ւր ես նվնվոցդ դրել։ Սա էլ այդպիսի աշխատանք է, ասաց ինքն իրեն, և այս միտքը նրան զվարճացրեց, շատ բան չես սովորում, շատ մարդկանց ես հանդիպում։ Ուրախացավ, որ կարողանում է կատակել և դարձավ աղջկան։

― Ես քեզ սիրում եմ, նապաստակ, ― ասաց նրան։ ― Դու ի՞նչ էիր ասում։

― Ասում էի, ― պատասխանեց աղջիկը, ― որ չմտահոգվես գործիդ կապակցությամբ, ես ոչ կխառնվեմ, ոչ էլ կձանձրանամ։ Իսկ եթե կարող եմ մի բան անել, ասա՛։

― Չէ, դու անելիք չունես, ― ասաց նա։ ― Ճիշտ եմ ասում, իսկապես շատ պարզ գործ է։

― Ես Պիլարին կխնդրեմ, որպեսզի ինձ սովորեցնի, թե ինչպես պետք է վերաբերվել, հոգ տանել տղամարդուն, և ինչպես որ ասի, այնպես էլ կանեմ, ― ասաց Մարիան։ ― Հետագայում արդեն ինքս կնկատեմ, թե ինչի կարիք կա, որոշ բաներ էլ դու կասես։

― Ոչ մի բան էլ չկա անելու։

― Que va, սիրելիս, ո՞նց թե չկա։ Այս առավոտ, օրինակ, ննջապարկդ պիտի թափ տայի, կախեի արևին, որպեսզի օդափոխվեր, հետո երեկոյան, մինչև ցողն իջնելը, հավաքեի ու դնեի ծածկի տակ։

― Հետո՞, էլ ուրիշ ի՞նչ, նապաստակ։

― Գուլպաներդ պետք է լվանալ, չորացնել։ Պետք է հետևել, որպեսզի միշտ երկու զույգ մաքուր գուլպա ունենաս։

― Ուրի՞շ։

― Եթե սովորեցնես, ատրճանակդ կմաքրեմ ու կյուղեմ։

― Համբուրիր ինձ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Չէ, ես լուրջ բան եմ ասում։ Չե՞ս սովորեցնի ատրճանակդ մաքրել։ Պիլարը լաթի կտորներ ունի, յուղ էլ։ Քարայրում հրացան մաքրելու շամփուր էլ ունենք, դրանով կարելի է մաքրել։

― Անպայման ցույց կտամ։

― Եվ հետո, ― ասաց Մարիան, ― եթե սովորեցնես ինձ կրակել, ես էլ, ինչպես դու, կարող եմ խփել ինքս ինձ, կամ մեկս մյուսիս, որպեսզի գերի չընկնենք։

― Շատ հետաքրքրական է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Եվ նման մտքեր շա՞տ ունես գլխումդ։

― Ոչ այնքան էլ շատ, ― ասաց Մարիան։ ― Բայց դա լավն է։ Տես Պիլարն ինձ ինչ է տվել և սովորեցրել, թե ինչպես գործածեմ, ― ասաց աղջիկն ու կրծքագրպանից դուրս քաշեց կաշվե մի քսակ, որը նման էր գրպանի սանրի պատյանի, քանդեց բերանի ռետինե կապը և միջից ածիլվելու մի միսայրանի «Գեմ» ֆիրմայի մի շեղբ հանեց։ ― Սա միշտ մոտս է, ― ասաց որպես բացատրություն։ ― Պիլարն ասում է, որ սա պետք է դնեմ ականջիս տակը ու քաշեմ։ ― Մատով ցույց տվեց տեղը։ ― Ասում է, որ այստեղ մեծ զարկերակն է, և եթե շեղբն այսպես քաշեմ, չեմ վրիպի։ Ասում է նաև, որ ոչ մի ցավ չես զգա, պետք է միայն մի թեթև սեղմել շեղբը ու ցած քաշել։ Ասում է դատարկ բան է, բացի այդ՝ արյունը չեն կարող կտրել։

― Ճիշտ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դա քներակն է։

Ուրեմն դա միշտ հետն է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Վերջնականապես որոշել է ու միշտ պատրաստ է դիմելու այդ քայլին, եթե հանգամանքները թելադրեն։

― Բայց կգերադասեի, որ դու սպանեիր ինձ, ― ասաց Մարիան։ ― Խոստացիր, որ եթե կարիք լինի, կսպանես ինձ։

― Անշուշտ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― խոստանում եմ։

― Շնորհակալ եմ, ― ասաց Մարիան։ ― Գիտեմ, որ հեշտ չէ այդ բանն անելը։

― Ոչինչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Դու մոռանում ես այս ամենը, մտածեց նա։ Մոռանում ես քաղաքացիական պատերազմի հմայիչ կողմերը, երբ ուղեղդ գործում է միայն հանձնարարությունների կատարման ուղղությամբ։ Դու մոռցել էիր սա։ Կաշկինը չէր կարողանում մոռանալ, դա էլ փչացնում էր գործը։ Խեղճը երևի նախազգում էր։ Տարօրինակ է, քանիցս հիշել է, թե ինչպես է կրակել Կաշկինի վրա, և ոչ մի անգամ ոչ մի խռովահույզ ապրում չի ունեցել։ Երևի մի օր կսկսի ունենալ։ Բայց առայժմ ոչ մի բան չի զգում։

― Ես դեռ ուրիշ շատ բաներ էլ կարող եմ անել քեզ համար, ― ասաց Մարիան, շատ լուրջ ու կանացի նազանքով քայլելով նրա կողքից։

― Բացի այն, որ կարող ես կրակե՞լ ինձ վրա։

― Այո։ Կարող եմ սիգարետներ փաթաթել, երբ այդ գլանակավորներդ վերջանան։ Պիլարը սովորեցրել է, բարակ ու հավասար սիգարետ եմ փաթաթում, ծխախոտն էլ չի թափվում։

― Հիանալի է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինքդ էլ կպցնո՞ւմ ես։

― Այո, ― ասաց աղջիկը, ― իսկ եթե վիրավորվես, կխնամեմ քեզ, վիրակապերդ կփոխեմ, կլվացվեցնեմ, կկերակրեմ։

― Իսկ եթե չվիրավորվե՞մ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Եթե հիվանդանաս, կխնամեմ, ապուր կեփեմ, կմաքրեմ, ամեն ինչ կանեմ քեզ համար։ Բարձրաձայն կկարդամ։

― Իսկ եթե չհիվանդանա՞մ։

― Ուրեմն սուրճ կմատուցեմ առավոտյան, երբ արթնանաս։

― Իսկ եթե ես սուրճ չեմ սիրո՞ւմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Բայց ես գիտեմ, որ սիրում ես, ― ուրախ֊ուրախ ասաց աղջիկը։ ― Այս առավոտ երկու բաժակ խմեցիր։

― Ենթադրենք, որ ես ձանձրացել եմ սուրճից, որ իմ վրա կրակելու անհրաժեշտություն չի ծագում, որ ես ոչ վիրավորվում եմ, ոչ էլ հիվանդանում, ծխելն էլ թողնում եմ, ունեցածս մի զույգ գուլպա է, ննջապարկս էլ ինքս եմ թափ տալիս։ Ի՞նչ ես այն ժամանակ անելու, դե ասա, նապաստակ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ձեռքը դնելով աղջկա ուսին։ ― Ասա, ի՞նչ։

― Ի՞նչ, ― ասաց Մարիան։ ― Կվերցնեմ Պիլարի մկրատն ու մազերդ կկտրեմ։

― Ես կարճ մազ չեմ սիրում։

― Ես էլ չեմ սիրում, ― ասաց Մարիան։ ― Այսպես, ոնց որ հիմա է, մազերդ ինձ դուր են գալիս։ Դե, եթե անելու բան չկա, կնստեմ կողքիդ ու կնայեմ քեզ, իսկ գիշերները սեր կանենք։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Վերջին նախագիծը շատ ավելի բանական է։

― Ես էլ եմ այդպես կարծում, ― ժպտաց Մարիան։ ― Ա՜խ, Ingles, ― ասաց նա։

― Իմ անունը Ռոբերտ է։

― Ո՛չ։ Ես քեզ Ingles եմ կոչելու, ոնց որ Պիլարը։

― Բայց և այնպես Ռոբերտ է։

― Ոչ, ― ասաց աղջիկը։ ― Արդեն մի ամբողջ օր է, որ Ingles է։

― Ասա, Ingles, կարո՞ղ եմ ինչ֊որ ձևով օգտակար լինել քո գործին։

― Ո՛չ։ Այդ գործը ես պետք է մենակ անեմ և շատ սառնասրտորեն։

― Լավ, ― ասաց աղջիկը։ ― Իսկ դա ե՞րբ կվերջանա։

― Այս գիշեր կծրագրեմ, եթե ամեն ինչ հաջող ընթանա։

― Լավ, ― ասաց աղջիկը։

Անտառը վերջանում էր, մի քիչ այն կողմ ճամբարն էր։

― Դա ո՞վ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը, մատն ուղղելով մի կետի։

― Պիլարը, ― ասաց աղջիկը, նայելով դեպի ցույց տրված տեղը։ ― Իհարկե Պիլարն է։

Ծառերի վերջին շարքի տակ, մարգագետնի եզրին, Պիլարը գլուխն առել էր ձեռքերի մեջ ու նստել։ Թվում էր, թե սև մի կապոց է՝ դրված ծառի շագանակագույն բնի դիմաց։

― Գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և սկսեցին վազել մինչև ծնկներին հասնող ցախիների միջով։ Ծանր էր վազելը, դժվար։ Ռոբերտ Ջորդանը դանդաղեցրեց ընթացքն ու շարունակեց քայլելով գնալ։ Նա հիմա տեսնում էր Պիլարին՝ խոշոր ու սև, նստած ծառի բնի դիմաց։ Մոտեցավ նրան ու միանգամից ձայն տվեց․

― Պիլա՛ր։

Կինը գլուխը բարձրացրեց ու նայեց նրան։

― Օ՜հ, ― ասաց նա։ ― Արդեն պրծե՞լ եք։

― Հիվանդ հո չե՞ս, ― ասաց Ռոբերտ Ջորդանն ու կռացավ։

― Que va, ― ասաց կինը։ ― Քնել էի։

― Պիլա՛ր, ― ասաց Մարիան, որ մոտեցել էր ու չոքել կնոջ կողքին։ ― Ո՞նց ես։ Լա՞վ ես։

― Հիանալի, ― ասաց Պիլարը, բայց մնաց նստած։ Հետո նայեց նրանց։ ― Հը՞, Ingles, ― ասաց նա, ― դարեյա՞լ տղամարդու խողերդ էիր խաղում։

― Լա՞վ ես, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանն առանց ուշադրություն դարձնելու նրա խոսքերին։

― Ինչո՞ւ չէ։ Քնեցի։ Դո՞ւք էլ։

― Ո՛չ։

― Հը՞, ― դարձավ Պիլարը աղջկան։ ― Երևում է սրտովդ է եղել։

Մարիան շիկնեց ու ոչինչ չասաց։

― Հանգիստ թող նրան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Քեզ չեն հարցնում, ― ասաց Պիլարը։ ― Մարիա՛, ― դիմեց աղջկան կոպիտ ձայնով։ Աղջիկը հայացքը չբարձրացրեց։ ― Ասացի երևում է սրտովդ է եղել։

― Լսի՛ր, հանգիստ թող նրան, ― նորից ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դե ձենդ կտրի՛ր, ― ասաց Պիլարը առանց նրան նայելու։ ― Լսի՛ր, Մարի՛ա, բան ասա։

― Ո՛չ, ― ասաց Մարիան ու թափ տվեց գլուխը։

― Մարիա՛, ― ասաց Պիլարը, նրա ձայնը նույնքան կոպիտ էր, ինչքան դեմքը, նախկին սիրալիրությունից ոչ մի հետք չէր մնացել։ ― Մի բան ասա, քո հոժար կամքով։

Աղջիկը գլուխը թափ տվեց։

Եթե գործս սրան ընկած չլիներ ու սրա ամուսնուն և դեղնակտուց տղերքին, մտածեց Ռոբերտ Ջորդանը, հիմա մի այնպիսի ապտակ կհասցնեի, որ․․․

― Դե՛, պատմի՛ր, ― ասաց Պիլարը աղջկան։

― Ո՛չ, ― ասաց Մարիան։ ― Ոչ։

― Հանգիստ թող նրան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը օտարոտի մի ձայնով։ Երևի էլ չդիմանամ ու խփեմ և հերն էլ անիծած, մտածեց նա։

Պիլարը նրան նույնիսկ պատասխանի չարժանացրեց։ Նա հիմա նման էր որսն հմայող օձի կամ թռչնի հետ խաղ անող կատվի։ Գիշատիչի ոչինչ չկար այդտեղ։ Ոչ էլ անբարո։ Նա պարզապես լարված էր, ինչպես կոբրայի վեր ձգված վիզը։ Ռոբերտ Ջորդանն զգում էր դա։ Զգում էր, թե ինչպիսի սպառնալիք կա այդ լարումի մեջ։ Բայց այդ լարումը ոչ թե չարության, այլ իմանալու անզուսպ ցանկության հետևանք էր։ Ինչ լավ կլիներ, եթե այս ամենին ականատես չլինեի, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Սակայն այսպիսի բաների համար չեն ապտակում։

― Մարիա, ― ասաց Պիլարը։ ― Ես քեզ ձեռք չեմ տա։ Դու քո հոժար կամքով ինձ ասա։

De tu propia voluntad: Այսպես հնչեց իսպաներեն։ Աղջիկը գլուխը թափ տվեց։

― Մարի՛ա, ― ասաց Պիլարը։ ― Հիմա ասա՛, ասա քո հոժար կամքով։ Լսո՞ւմ ես ինձ։ Դե մի բան ասա։

― Ո՛չ, ― ցածրաձայն ասաց աղջիկը։ ― Ո՛չ, ո՛չ։

― Դու կասես, հիմա ինձ կասես, ― ասաց Պիլարը։ ― Կասես որևիցե բան։ Ա՛յ կտեսնես։ Կասես, հիմա դու ինձ կասես։

― Երկիրը ճոճվեց, ― ասաց Մարիան առանց նայելու կնոջը։ ― Այո՛։ Իսկապես։ Բայց ես դա ո՞նց պատմեմ։

― Այդպե՛ս, ― ասաց Պիլարը, և նրա ձայնն արդեն ջերմ էր ու սիրալիր, հարկադրանքի քիչ առաջվա երանգը չուներ։ Բայց Ռոբերտ Ջորդանը նկատեց, որ կնոջ ճակատն ու վերին շրթունքի վերևը քրտնքի կաթիլներով ծածկվեցին։ ― Այդպե՛ս։ Ուրեմն այդպես։ Ահա թե ինչ է եղել։

― Ճիշտ եմ ասում, ― ասաց Մարիան և կծեց շրթունքը։

― Իհարկե ճիշտ ես, ― ասաց Պիլարը քնքշորեն։ ― Բայց ոչ ոքի չասես, որովհետև երբեք քեզ չեն հավատա։ Ingles դու հո Call[49] արյուն չունե՞ս։

Ռոբերտ Ջորդանն օգնեց, որ նա վեր կենա։

― Ոչ, ― ասաց նա։ ― Ինչքան գիտեմ։

― Ոչ էլ Մարիան ունի, ինչքան ինքը գիտի, ― ասաց Պիլարը։ ― Pues es muy raro: Շատ տարօրինակ է։

― Բայց դա եղավ, Պիլա՛ր, ― ասացՄարիան։

― Como que hija, ― ասաց Պիլարը։ ― Ինչո՞ւ չէ, աղջիկս։ Երբ ես երիտասարդ էի, երկիրն այնպես էր ճոճվում, որ սարսափում էի, թե կգնա տակիցս։ Եվ այդպես ամեն գիշեր։

― Սուտ ես ասում, ― ասաց Մարիան։

― Այո, ― ասաց Պիլարը։ ― Սուտ եմ ասում։ Մարդու կյանքում ընդամենը երեք անգամ է ճոճվում։ Բայց իսկապե՞ս ճոճվեց։

― Այո, ― ասաց աղջիկը։ ― Ճիշտ եմ ասում։

― Դո՞ւ էլ Ingles, զգացի՞ր, ճոճվե՞ց, ― դարձավ Պիլարը Ռոբերտ Ջորդանին։ ― Չստես։

― Զգացի, այո, ― ասաց նա։ ― Ճիշտ եմ ասում։

― Լավ, ― ասաց Պիլարը։ ― Լավ։ Սա արդեն ինչ֊որ բան է։

― Իսկ ինչո՞ւ ասացիր ընդամենը երեք անգամ, ― հարցրեց Մարիան։ ― Ի՞նչ ես ուզում ասել։

― Երեք անգամ, ― ասաց Պիլարը։ ― Մեկն արդեն եղավ։

― Միայն երեք անգա՞մ։

― Մարդկանց մեծ մասի համար ոչ իսկ մեկ անգամ, ― ասաց Պիլարը։ ― Բայց հաստա՞տ ճոճվեց։

― Քիչ էր մնում ընկնեի, ― ասաց Մարիան։

― Ուրեմն հաստատ ճոճվել է, ― ասաց Պիլարը։ ― Գնացինք։ Գնացինք ճամբար։

― Այդ ի՞նչ անհեթեթություն է, ի՞նչ երեք անգամ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը հսկայամարմին կնոջը, երբ կողք֊կողքի քայլում էին սոճուտով։

― Անհեթեթությո՞ւն, ― կրկնեց կինն ու խեթ նայեց նրան։ ― Չէ՛, անհեթեթություն չէ, իմ փոքրիկ անգլիացի։

― Վհուկային բան է, ոնց որ ձեռքի ափի մեջ գուշակություններ անելը։

― Ոչ, դա շատ սովորական բան է, բոլոր gitano֊ներն էլ փորձով գիտեն։

― Բայց մենք gitano չենք։

― Չեք։ Բայց ձեր բախտը մի փոքր բերել է։ Այդպես էլ է լինում, ոչ գնչուների բախտն էլ երբեմն մի փոքր բերում է։

― Ուրեմն ճի՞շտ ես ասում այդ երեք անգամի մասին։

Կինը նորից խեթ նայեց նրան։

― Մի՛ ձանձրացրու, Ingles, թո՛ղ, դու դեռ շատ ես ջահել, որպեսզի ինձ հետ այդ ձևով խոսես։

― Բայց, Պիլա՛ր, ― ասաց Մարիան։

― Ձենդ կտրի՛ր, ― ասաց Պիլարն աղջկան։ ― Մի անգամ արդեն պատահել է քեզ, երկու անգամ էլ դեռ կպատահի կյանքում։

― Իսկ քեզ քանի՞ անգամ է պատահել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Երկու, ― ասաց Պիլարը և ցույց տվեց երկու մատը։ ― Երկու։ Իսկ երրորդը երբեք չի լինի։

― Ինչո՞ւ, ― հարցրեց Մարիան։

― Դե ձենդ կտրիր, ― ասաց Պիլարը։ ― Կտրիր։ Ի՞նչ անեմ ես այս երկու ծծկեր լակոտների հետ։

― Իսկ ինչո՞ւ երրորդը չի լինի, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ձենդ կտրի՛ր, էլի, կտրի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Դե կտրի՛ր։

Ինչ արած, ասաց Ռոբերտ Ջորդանն ինքն իրեն։ Թող այդպես լինի։ Դեմ չեմ։ Ինչքան գնչու եմ ճանաչել, բոլորն էլ տարօրինակություններ են ունեցել։ Ասենք մենք էլ ենք այդպես։ Տարբերությունն այն է, որ մենք պարկեշտ ճանապարհով ենք ապահովում մեր ապրուստը։ Իսկ թե մենք ի՞նչ ծագում ունենք, ո՞ր ցեղերից ենք սերել, ի՞նչ ենք ժառանգել մեր նախնիներից կամ ի՞նչ խորհրդավորություններով են լցված եղել այն անտառները, որտեղ ապրել են այն մարդիկ, որոնց հետնորդներն ենք մենք, ոչ ոք չգիտի։ Չգիտենք, թե ինչ է պատահում մեզ գիշերը։ Երբ ցերեկն է պատահում, կարծես պարզ է։ Այս էլ մի բան էր պատահեց, ասենք պատահեց, պատահեց, բայց հիմա այդ կինը կպավ ու ստիպեց, որ աղջիկն ասի, թե ինչ, իսկ նա չէր ուզում ասել, և ոչ միայն ստիպեց ասել, այլև դրա տերը դարձավ, յուրացրեց։ Դարձրեց ինչ֊որ գնչուական բան։ Քիչ առաջ, երբ վերևում էինք, նա, երևում էր, որ ծանր ապրումների մեջ է, բայց հիմա նորից է դրության տերը դարձել։ Եթե այս ամենը նա աներ չարությունից մղված, իհարկե արժեր նրան գնդակահարել։ Բայց չարությունից չէ։ Բայց չարությունից չէ։ Դա սոսկ կյանքին կառչած մնալու ցանկությունից է։ Կառչում է Մարիայի միջոցով։

Եթե հաջողվի այս պատերազմից ողջ֊առողջ դուրս գալ, կարող ես զբաղվել կին երևույթի ուսումնասիրությամբ, ասաց ինքն իրեն։ Կարող ես սկսել Պիլարից։ Եթե ուզում ես իմանալ, նա քեզ այսօր լավ խճճված օր մատուցեց։ Մինչ այդ նա ոչ մի գնչուական խաբեություն գործի չէր դրել։ Եթե չհաշվենք ափիս մեջ գուշակելը, մտածեց նա։ Այո, գուշակելը։ Ի՞նչ ես կարծում, ուզում էր հիմարացնե՞լ։ Չէ՛։ Բայց չասաց, թե ինչ է տեսել։ Երևի հավատում է իր գուշակությանը։ Հավատա, թե չհավատա, դա նշանակություն չունի։

― Լսի՛ր, Պիլար, ― ասաց նա։

Պիլարը նայեց նրա ու ժպտաց։

― Ի՞նչ է, ― հարցրեց նա։

― Կարիք չկա այդքան խորհրդավոր լինելու։ Հոգնեցնում են ինձ այդ խորհրդավորություններդ։ Շատ։

― Մի՞թե, ― ասաց Պիլարը։

― Ես ոչ դևերին եմ հավատում, ոչ գուշակներին, ոչ դյութերին, ոչ էլ գնչուական սուտուփուտ կախարդանքներին։

― Օհո՜, ― ասաց Պիլարը։

― Չեմ հավատում։ Եվ լավ կանես, որ աղջկան հանգիստ թողնես։

― Կթողնեմ։ Աղջկան հանգիստ կթողնեմ։

― Եվ այդ խորհրդավորություններդ էլ մի կողմ դիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այնքան գործ ունենք, այնքան անելու բան կա, որ միտք չունի անհեթեթություններով նոր բարդություններ ստեղծելը։ Ավելի քիչ խորհրդավորություն, ավելի շատ գործ։

― Հասկանում եմ, ― ասաց Պիլարը գլխով համաձայնության շարժում անելով։ ― Բայց, Ingles, ասա՛ այնուամենայնիվ, ― ժպտալով դիմեց նա, ― Ճի՞շտ, երկիրը ճոճվեց։

― Այո՛, գրողը քեզ տանի։ Ճոճվեց։

Պիլարը ծիծաղեց, ծիծաղեց, հետո կանգ առավ, ծիծաղելով նայեց Ռոբերտ Ջորդանին։

― Ա՜խ, Ingles, Ingles, ― ասավ, ծիծաղելով նայեց Ռոբերտ Ջորդանին։

― Ա՜խ, Ingles, Ingles, ― ասաց ծիծաղելով։ ― Շատ ծիծաղելի ես։ Դու հիմա ինչքա՜ն պիտի տանջվես, որպեսզի կարողանաս վերականգնել պատվարժան կեցվածքդ։

Դժոխքի բաժին, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Բայց ոչ մի խոսք չասաց։ Խոսակցության միջոցին արևը ծածկվել էր ամպերով, և երբ նա հայացքն ուղղեց լեռներին, տեսավ, որ երկինքը ծանրացել է, դարձել է գորշ։

― Այո, ― ասաց Պիլարը՝ նայելով երկնքին։ ― Ձյուն է գալու։

― Հիմա՞։ Համարյա հունիսն է։

― Ի՞նչ անենք։ Այս լեռները ամիսների անունները չգիտեն։ Լուսնի ամսով դեռ մայիս է։

― Չի կարող ձյուն գալ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ձյուն չի կարող գալ։

― Բայց և այնպես, Ingles, ― ասաց կինը, ― գալու է։

Ռոբերտ Ջորդանը նայեց վերև՝ գորշ երկնքին, դեղնավուն արևին, որը շուտով բոլորովին կորավ, և գորշ դարձավ համատարած, ծանրա֊ծանր, հոծ։ Ծածկվեցին նաև լեռների կատարները։

― Այո, ― ասաց։ ― Երևում է, ճիշտ ես։

Գլուխ տասնչորսերորդ

Երբ հասան ճամբար, ձյունն արդեն տեղում էր, փաթիլները սոճիների արանքներով թափվում էին հատակին, սկզբում մեկումեջ, դանդաղ պտույտներով, հետո խոլաբար, առատորեն, երբ ցուրտ հողմը սուրաց֊եկավ լեռներից։ Ռոբերտ Ջորդանը կանգնել էր քարայրի դիմաց ու կատաղությամբ նայում էր։

― Լավ է թափում, ― ասաց Պաբլոն։ Նրա ձայնը խռպոտ էր, աչքերը կարմրած էին ու պղտոր։

― Գնչուն եկե՞լ է, ― հարցրեց նրան Ռոբերտ Ջորդանը։

― Ոչ, ― ասաց Պաբլոն։ ― Ոչ նա, ոչ ծերուկը։

― Կգա՞ս հետս՝ գնանք ճանապարհի վերևի պահակակետը։

― Չէ՛, ― ասաց Պաբլոն։ ― Ես այս գործից հեռու եմ մնալու։

― Մենակ կգնամ, ոչինչ։

― Կմոլորվես, ուժեղ բուք է, ― ասաց Պաբլոն։ ― Ես չէի գնա։

― Զառիթափով կիջնեմ, հետո ճամփեզրով կգնամ։

― Գնալը կգնաս, բայց նրանց չես գտնի, այս ձյունից հետո հիմա երկուսն էլ ճամփա ընկած գալիս են։

― Ծերուկը կսպասի։

― Չի սպասի, հիմա կգա, չի մնա ձյան տակ։

Պաբլոն նայում էր տեղացող ձյանը, որը քամու բերանն ընկած ծեծում էր քարայրի մուտքի տապճակը։

― Սրտովդ չէ՞։

Ռոբերտ Ջորդանը հայհոյեց, Պաբլոն նայեց նրան իր պղտոր աչքերով ու ծիծաղեց։

― Հարձակումդ ջուրն ընկավ, Ingles, ― ասաց նա։ ― Արի՛, արի ներս գնանք, շուտով տղաներդ էլ կհայտնվեն։

Քարայրում Մարիան օջախն էր վառում, Պիլարը ընթրիքի պատրաստությամբ էր զբաղված։ Օջախը ծխում էր, բայց երբ աղջիկը խառնեց կրակն ու սկսեց հովհարել մի քանի տակ ծալված լրագրով, փայտերը կպան, բոցը ձգվեց դեպի վեր՝ քարայրի կամարի միջի անցքը։

― Այս ձյո՞ւնն ինչ էր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ի՞նչ ես կարծում, շա՞տ կգա։

Շա՜տ, ― ասաց Պաբլոն հրճվանքով։ Հետո դարձավ Պիլարին։ ― Քո սրտով էլ չէ, հա՞ կին։ Հիմա դու հրամանատար ես, պետք է որ քո սրտով չլինի։

― A mi que?[50] ― ասաց Պիլարը ուսի վրայով։ Գալիս է, գա։

― Գինի խմիր, Ingles, ― ասաց Պաբլոն։ ― Ես ամբողջ օրը գինի եմ խմել ու այս ձյանն սպասել։

― Լցրո՛ւ։

― Ձյան կենացը, ― ասաց Պաբլոն ու բաժակը ձեռքին ձգվեց առաջ։ Ռոբերտ Ջորդանը նայեց նրա աչքերին ու բաժակը չխկացրեց բաժակին։ Մշուշված աչքերով ոճրագործ սոդոմացի, ասաց մտքում։ Ես այս բաժակը քո ատամներին կշխկացնեի։ Հանգի՛ստ, հանգի՛ստ, ասաց ինքն իրեն։

― Շատ գեղեցիկ է ձյունը, ― ասաց Պաբլոն։ ― Երևի այս գիշեր դուրսը չես քնի։

Ախ այդպե՜ս, ուրեմն դա էլ է քեզ տանջում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Ա՜խ, Պաբլո՛, Պաբլո՛, դու այս ինչքան հոգսեր ունես։

― Ասում ես չքնե՞մ, ― հարցրեց հանգիստ։

― Չէ՛։ Շատ ցուրտ է, ― ասաց Պաբլոն։ ― Խոնավ է։

Դե դու իհարկե չգիտես, Պաբլո, թե ես ինչու եմ վաթսունհինգ դոլար վճարել այս հիմա արդեն մաշված ննջապարկի համար։ Դու չգիտես, թե քանի֊քանի գիշերներ եմ սրա մեջ անցկացրել ձյուների տակ։ Եթե այդ գիշերների համար թեկուզ մի֊մի դոլար վճարեի, գիտե՞ս, թե քանի վաթսունհինգ կլիներ հիմա։

― Ուրեմն ասում ես այստե՞ղ քնեմ, ― ասաց հանգիստ։

― Այո՛։

― Շնորհակալություն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես դրսում կքնեմ։

― Ձյան տա՞կ։

― Այո՛ (գրողը տանի այդ կարմիր, արյունով լցված խոզի աչքերդ, խոզի ստեներով խոզի մռութդ)։ Այո՛, ձյան տակ։ (Այդ նզովյալ, կործանարար, անսպասելի, ստոր, դավաճան, վիժվածք ձյան տակ)։

Նա վեր կացավ, մոտեցավ Մարիային, որը սոճու փայտի մի նոր կտոր էր դնում կրակին։

― Շատ գեղեցիկ է ձյունը, ― ասաց աղջկան։

― Բայց գործին կխանգարի, չէ՞, ― ասաց աղջիկը։ ― Չե՞ս անհանգստանում։

― Que va, ― ասաց։ ― Անհանգստանալը վնասակար է։ Ընթրիքը ե՞րբ պատրաստ կլինի։

― Այդպես էլ մտածում էի, որ ախորժակդ բացված պիտի լինի, ― ասաց Պիլարը։ ― Մի կտոր պանիր կուտե՞ս։

― Շնորհակալություն, ― ասաց, և կինը առաստաղից կախված զամբյուղից մի մեծ գլուխ պանիր հանեց, դանակով մի հաստ շերտ կտրեց ու մեկնեց նրան։ Նա վերցրեց և կանգնած տեղն էլ սկսեց ուտել։ Համեղ պանիր էր, միայն թե այծի հոտը զգացվում էր։

― Մարիա՛, ― նստած տեղից ասաց Պաբլոն։

― Ի՞նչ է, ― հարցրեց աղջիկը։

― Սեղանը սրբի՛ր, Մարիա, ― ասաց Պաբլոն և քմծիծաղելով նայեց Ռոբերտ Ջորդանին։

― Թափել ես, սրբիր, ― ասաց Պիլարը։ ― Նախ ծնոտդ սրբիր, շապիկդ, հետո էլ սեղանը կսրբես։

― Մարիա՛, ― գոռաց Պաբլոն։

― Ուշադրություն մի՛ դարձրու։ Հարբած է, ― ասաց Պիլարը։

― Մարիա՛, ― գոռաց Պաբլոն։ ― Ձյունը դեռ գալիս է, գեղեցիկ է ձյունը։

Նա որտեղի՞ց իմանա, թե դա ինչ ննջապարկ է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Որտեղի՞ց իմանաս, խոզի մանր աչքերով ապուշ, ես այդ ննջապարկի համար վաթսունհինգ դոլար եմ վճարել Վուդզի գործակատարներին։ Տեսնես գնչուն ե՞րբ է գալու։ Գա, որ գնամ ծերուկի ետևից։ Կարելի է մենակ էլ գնալ, բայց վախենում եմ չգտնեմ։ Ախր չգիտեմ որտեղ է դարան մտել։

― Ձնագնդի չե՞ս ուզում խաղալ, ― ասաց Պաբլոյին։ ― Արի ձնագնդի խաղանք։

― Ի՞նչ, ― ասաց Պաբլոն։ ― Այդ ի՞նչ ես ուզում ասել։

― Ոչինչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Թամբերդ լա՞վ ես ծածկել։

― Այո։

Հետո Ռոբերտ Ջորդանն անգլերեն ասաց․

― Հիմա արդեն ստիպված ես լինելու ձիերիդ գարի, վարսակ տալու կամ էլ պիտի թողնես, որ գնան ձյանը քացի տալով կեր ճարեն։

― Ի՞նչ։

― Ոչինչ։ Քո գործն է, դո՛ւ մտածիր, բարեկամս։ Ինձ ձի պետք չէ, ես այստեղից ոտքով եմ ետ դառնալու։

― Ինչո՞ւ ես անգլերեն խոսում, ― ասաց Պաբլոն։

― Չգիտեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Երբեմն որ շատ եմ հոգնած լինում, սկսում եմ անգլերեն խոսել։ Կամ էլ երբ վրդովվում եմ, երբ դեմ եմ առնում պատին ու գործս առաջ չի գնում, անգլերեն եմ խոսում, որպեսզի լսեմ հնչյունները։ Դրանք ինձ հանգստացնում են։ Փորձի՛ր մեկ֊մեկ։

― Այդ ի՞նչ ես ասում, Ingles, ― ասաց Պիլարը։ ― Ոնց որ շատ հետաքրքրական է, բայց բան չեմ հասկանում։

― Ոչինչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Անգլերեն ասացի, «ոչինչ»։

― Դե լավ, իսպաներեն խոսիր, ― ասաց Պիլարը։ ― Իսպաներենն ավելի կարճ է, ավելի պարզ։

― Անշուշտ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Բայց աստված իմ, մտածեց նա, դուք, դուք՝ Պաբլո, Պիլար, Մարիա և երկու եղբայրներ, որ նստել եք կողք֊կողքի քարայրի անկյունում, իսկ ես մոռացել եմ ձեր անունները, սակայն պիտի հիշեմ, դուք գիտե՞ք, թե ինչպես եմ ես երբեմն հոգնում այս ամենից։ Այս ամենից, և ձեզանից, և ինձանից, և պատերազմից, և ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի հիմա ձյուն գար։ Ախր դա շատ ստոր բան էր։ Չէ, ի՞նչ ստոր, ստորը քիչ է։ Բայց փաստ է, ձյունն իջնում է, ի՞նչ կարող ես անել, պիտի համակերպվես։ Դե վերջ տուր այդ դերասանություններիդ ու քեզ հավաքիր, ոնց որ քիչ առաջ հավաքեցիր, և պատրաստվիր, որ հենց գնչուն գա, գնաս ծերունու ետևից։ Բայց այս ամսի՞ն էլ ձյուն։ Դե վերջ տուր, ասաց ինքն իրեն։ Վերջ տուր ու վերցրու բաժակդ։ Այս է քո բաժակը։ Ինչպե՞ս էր ասված բաժակի մասին։ Այո, կամ պիտի հիշողությունդ ուժեղացնես, կամ էլ մեջբերումներ չանես, որովհետև եթե չհիշեցիր, պտտվելու է ուղեղիդ մեջ մոռացված անունի նման, ու պրծնում չես ունենալու։ Ինչպե՞ս էր ասված բաժակի մասին։

― Մի բաժակ գինի լցրու, խնդրեմ, ― ասաց իսպաներեն Պաբլոյին։ ― Լավ ձյուն եկավ, չէ՞։

Հարբածը նայեց նրան ու քմծիծաղեց, հետո գլխով արեց ու նորից քմծիծաղեց։

― Ոչ մի հարձակում։ Ոչ մի aviones:[51] Ոչ մի կամուրջ։ Միայն ու միայն ձյուն։

― Ի՞նչ ես կարծում, կնստի՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ տեղավորվելով Պաբլոյի կողքին։ ― Ամբողջ ամառը կգա, չէ՞, Պաբլո, բարեկամս։

― Ամբողջ ամառը՝ չէ, ― ասաց Պաբլոն։ ― Այս գիշեր և վաղը։

― Ինչո՞ւ ես այդպես համոզված։

― Այստեղ բուքը երկու տեսակ է լինում, ― ասաց Պաբլոն ծանր, խոսքերը կշռադատելով։ ― Մեկը Պիրենեյներից է փչում։ Դա ահավոր սառն է։ Հիմա դրա ժամանակը չէ։ Ավելի շուտ է լինում։

― Դե ինչ արած, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Էլի բան է։

― Այս բուքը Կանտարրիկոյից է փչում, ― ասաց Պաբլոն։ ― Ծովից։ Սա ուժեղ է լինում և առատ ձյուն է բերում։

― Իսկ դու այդ բոլորը որտեղի՞ց գիտես, բարեկամս, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

Հիմա երբ կատաղությունն անցել էր, նրան համակել էր արբեցողության մի զգացողություն, որը նա ունենում էր հողմերի ժամանակ, բոլոր՝ ձյունաբքի, մրրիկի, հասարակածային փոթորկի, լեռներում սուրացող ամառվա ամպրոպաբեր հողմի ժամանակ։ Դա մի յուրահատուկ զգացողություն էր։ Մարտի ժամանակ էլ քամի է բարձրանում, բայց դա տաք քամի է․ տաք ու չոր, բերանդ չորանում է։ Շնչահեղձ ես լինում։ Տաք ու փոշոտ։ Մարտի հետ ծնվում է, մարտի հետ մեռնում։ Լավ ծանոթ էր այդ քամուն։

Ձյունահողմը լրիվ հակապատկերն է այդ քամու։ Ձյունահողմի ժամանակ գալիս կիպ կանգնում ես վայրի կենդանիների կողքին, և նրանք չեն վախենում քեզնից։ Կենդանիները գնում են ու չգիտեն, թե ուր, պատահում է այծամը գալիս֊ապաստանում է խրճիթիդ պատի տակ, պատահում է ձիդ հեծած գնում ես ու դեմ ես առնում իշայծամին, իսկ նա ձիուդ դնում է իր նման մի իշայծամի տեղ ու վազելով մոտենում։ Ձյունահողմի ժամանակ, գրեթե միշտ, այնպիսի զգացողություն ես ունենում, թե թշնամի գոյություն չունի։ Ձյունահողմը կարող է նաև փոթորկի նման ուժեղ լինել, բայց միշտ պարուրված է սպիտակ մի մաքրությամբ, ամեն ինչ սպիտակ է հագնում, ամեն ինչ փոխվում, և երբ հողմը դադարում է, տիրում է սպիտակ մի անդորր։ Ահա այդպիսի ձյունահողմ է հիմա։ Վայելի՛ր։ Քանդեց֊թողեց ամեն ինչ, բայց դե ի՞նչ անենք, կարող ես վայելել։

― Arroyero[52] եմ եղել երկար ժամանակ, ― ասաց Պաբլոն։ ― Սայլերով բեռներ էինք տեղափոխում սարերում մինչև բեռնատար մեքենաների հայտնվելը։ Այդ աշխատանքի ընթացքում էլ սկսեցի գլուխ հանել եղանակից։

― Իսկ ինչպե՞ս եղավ, որ հանրապետականներին հարեցիր։

― Ես միշտ էլ ձախակողմյան եմ եղել, ― ասաց Պաբլոն։ ― Մենք աստուրիացիների հետ շատ էինք շփվում, իսկ նրանք քաղաքականապես շատ զարգացած են։ Ես միշտ էլ հանրապետական եմ եղել։

― Իսկ պատերազմի նախօրյակին ի՞նչ էիր անում։

― Աշխատում էի ձիավաճառի մոտ, Սարագոսայում։ Ցլամարտի կազմակերպիչներին ու բանակին ձի էր վաճառում։ Այդտեղ էլ հանդիպեցի Պիլարին, նա այն ժամանակ մատադոր Ֆինիտո դե Պալենսիայի հետ էր։

Պաբլոն այդ բանն ասաց ակնհայտ հպարտությամբ։

― Այնքան էլ լավ մատադոր չէր, ― ասաց եղբայրներից մեկը նայելով Պիլարին, որը կանգնել էր օջախի դիմաց՝ մեջքով դեպի նրանց։

― Չէ՞ր, ― ասաց Պիլարը շրջվելով ու նայելով նրան։ ― Լավ մատադոր չէ՞ր։

Օջախի դիմաց կանգնած, այստեղ՝ քարայրում, նա այժմ տեսնում էր կարճահասակ, թուխ, ակիրք դեմքով, տխուր աչքերով, փոս ընկած այտերով Ֆինիտոյին, որի սև ու թաց խոպոպիկով ծածկված ճակատին մատադորի նեղ գլխարկը ուրիշներին աննկատելի կարմիր հետք էր թողել։ Տեսնում էր հիմա նրան՝ կանգնած, դիմացը հինգ տարեկան մի ցուլ, որը եղջյուրները մխրճել էր ձիու կողերի մեջ ու հեծյալի հետ բարձրացնում էր վեր, ավելի վեր, սրախողխող վիզը պրկած բարձրացնում էր դարձյալ ու միշտ վեր, մինչև որ ձին շառաչով դիտապաստ ընկավ, հեծյալը խփվեց ցանկապատին, իսկ ցուլը հզոր վիզը երկարած, նետվեց առաջ, որպեսզի վերջ տա նաև նրան՝ ֆլանելի ծանր կտորը փայտի վրա փաթաթելիս, կտորը, որ ծանրացել էր արյունով՝ ցուլի գլխին, ուսերին, փայլփալցող թաց ծոծրակին ու մեջքին քսվելիս, երբ մկանների մեջ մխրճված banderilla֊ները զրնգացնելով պահում էր մատադորի վրա։ Նա տեսնում էր ցուլի եղջյուրներից հինգ քայլ հեռու կանգնած Ֆինիտոյի կիսադեմը, տեսնում էր ցուլը՝ անշարժ ու սպառնալից, և Ֆինիտոն դանդաղ բարձրացնում է սուրը, բարձրացնում է մինչև ուսը և սայրն ուղղում այն կետին, որը նա տակավին չի տեսնում, որովհետև ցուլի գլուխը ավելի բարձր է, քան իր աչքերը։ Հիմա նա ձախ ձեռքի թաց, ծանրացած կտորի շարժումով նա կստիպի, որ ցուլն իջեցնի գլուխը։ Բայց առայժմ դեռ օրորվում է կրունկների վրա և ուղղում սրի սայրը՝ ցուլի ճաքած եղջյուրի դեմ կանգնած։ Իսկ ցուլը, աչքերը սևեռած կտորին, հևում է։

Պիլարը տեսավ նրան, հիմա արդեն շատ պարզ, լսեց նրա բարակ, ջինջ ձայնը, երբ նա գլուխը շրջեց դեպի առաջին շարքում, կարմիր ցանկապատի ետևը նստածներին ու ասաց․ «Տեսնենք կկարողանանք, ա՛յ այսպես սպանել»։

Պիլարը լսեց նրա ձայնը, հետո տեսավ, թե ինչպես նրա ծունկ ծալվեց, և նա գնաց դեպի եղջյուրները, որոնք կտորի մոգական շարժումով հակվել էին բարակ, թուխ դաստակի տարուբերումների հետ մեկ ցած, մեկ աջ, մեկ ձախ էին գնում, մինչև որ սուրը մխրճվեց ցուլի փոշով պատված ծոծրակի մեջ։

Նա տեսավ սրի դանդաղ ու անվերադարձ հեռացող փայլը, որը կարծես ցուլն ինքն էր տենչում կլանել, պոկել մարդու ձեռքից, տեսավ, թե ինչպես թուխ բռունցքը դեմ առավ ձգված կաշվին ու կարճահասակ մարդը, որը մինչ այդ ոչ մի վայրկյան հայացքը չէր կտրել այն կետից, ուր խրվում էր սուրը, եղջյուրների դեմ պրկված իրանը թուլացրեց, օրորվելով հեռացավ և, ձախ ձեռքի մեջ փայտին ամրացված կտորը պահած, աջ ձեռքը բարձրացրած, կանգնեց ու նայեց մեռնող ցուլին։

Պիլարը տեսավ Ֆինիտոյին, նա կանգնել էր և հայացքով հետևում էր ցուլին, որը փորձում էր կանգուն մնալ, հետևում էր ցուլին, որը ճոճվում էր ինչպես ծառը տապալվելուց առաջ, հետևում էր ցուլին, որը ճգնում էր ոտներն անսայթաք պահել հողի մեջ․ կարճահասակ մարդը, ձեռքը հաղթական բարձրացրած օդում, նայում էր։ Պիլարը գիտեր, որ Ֆինիտոն ծանր մի բեռ ուսերից գցած մարդու թեթևության զգացումով է համակվում հիմա՝ նայելով մեռնող ցուլին, թեթևություն, որ գալիս էր այն գիտակցությունից, թե այդ եղջյուրները չեն խրվել իր մարմնի մեջ, այլ սոսկ անցել են կողքով, որ ողջ առողջ դուրս է եկել այս ամենի միջից, և մինչ նա ավելի ու ավելի էր համակվում թեթևության այդ զգացումով, ցուլն այլևս չդիմացավ ու տապալվեց, դիտապաստ փռվեց՝ չորս ոտներն օդում։ Պիլարը տեսավ, թե ինչպես կարճահասակ, թուխ մարդը հոգնած ու անժպիտ քայելց դեպի ցանկապատը։

Նա գիտեր, որ Ֆինիտոն հիմա վազել չի կարող, եթե դա անհրաժեշտ լինի թեկուզ կյանքը փրկելու համար, և Պիլարը նայում էր Ֆինիտոյին, իսկ նա դանդաղ առաջանում է դեպի ցանկապատը, սրբիչով սրբում է բերանը, նայում վերև՝ իրեն, գլխով անում, դեմքը սրբում, հետո սկսում է հաղթական պտույտը հրապարակում։

Նա քայլում է դանդաղ, ոտքերը քաշ տալով, ժպտում է մարդկանց, խոնարհվում, ժպտում, ետևից գալիս են օգնականները, նրանք կռանում, վերցնում են սիգարները, հանդիսականների գլխարկները նորից ետ նրանց են գցում, իսկ ինքը քայլում է ու ժպտում իր տխուր աչքերով և երթը գալիս֊ավարտում է Պիլարի դիմաց։ Հիմա նա նորից սրբիչը տարել է բերանին ու նստել փայտե ցանկապատի վրա։

Հիմա, օջախի դիմաց կանգնած, Պիլարն այս ամենը նորից տեսավ։

― Ասում ես լավ մատադոր չէր, հա՞, ― ասաց նա։ ― Այս ի՞նչ մարդիկ են շուրջս, ո՞ւմ հետ են օրերս անցնում։

― Լավ մատադոր էր, ― ասաց Պաբլոն։ ― Նրան միայն հասակն էր խանգարում։

― Երևի նաև թաքախտավոր էր, ― ասաց Պրիմիտիվոն։

― Թոքախտավո՞ր, ― ասաց Պիլարը։ ― Իսկ ո՞վ լիներ նրա տեղը, որ այդպիսի կյանքից հետո թոքախտով չհիվանդանար։ Այս երկրում աղքատը ո՞նց կարող է փող ձեռք բերել, կամ պիտի Խուան Մարչի նման ոճրագործ դառնա, կամ ցլամարտիկ, կամ էլ օպերային տենոր։ Ո՞նց թոքախտավոր չլիներ։ Այս երկրում բուրժույներն այնքան են ուտում, որ ստամոքս չի մնում, առանց սոդայի ապրել չեն կարողանում, իսկ աղքատը ծնված օրից մինչև մեռնելը չգիտի էլ, թե ինչ բան է կուշտ փորով հաց ուտելը։ Թոքախտավո՜ր էր։ Ճանապարհորդները երրորդ կարգի վագոններում առանց տոմսի, թաքնվիր հսկիչներից նստարանների տակ՝ փոշու, թարմ ու չորացած թքի, կեղտակույտերի կողքին ու թոքախտավոր մի լինի։ Չես լինի, բա ո՞նց, եթե ցուլի եղջյուրները կուրծդ սղկեն։

― Պարզ է, ― ասաց Պրիմիտիվոն, ― իմ ասածն էլ այդ էր, ասացի թոքախտավոր էր։

― Իհարկե թոքախտավոր էր, ― ասաց Պիլարը՝ փայտյա խոշոր գդալը թափահարելով օդում։ ― Նրա հասակը կարճ էր, ձայնը՝ բարակ, նա ուղղակի սարսափում էր ցուլերից։ Ես այդպիսի մարդ չեմ տեսել, մարտից առաջ վախից դողում էր, մարտի ժամանակ ոչ մի վախ։ Իսկ դո՞ւ, ― ասաց Պաբլոյին, ―այո՛, դո՛ւ, վախենում ես, որ կմեռնես։ Մե՜ծ բան։ Բայց Ֆինիտոն՝ միշտ վախը սրտում, մարտի հրապարակում առյուծ էր։

― Նրա համբավը տարածված էր, բոլորն ասում էին, որ խիզախ ցլամարտիկ է, ― ասաց երկրորդ եղբայրը։

― Նա շատ էր վախենում, ես այդպիսի մարդ չեմ տեսել, ― ասաց Պիլարը։ ― Նա տանը ոչ մի ցուլի գլուխ չէր պահում։ Մի անգամ, Վալլադոլիդում էր, տոնավաճառի օրերին, այնքան գեղեցիկ սպանեց Պաբլո Ռոմերոյի ցուլին․․․

― Ես դա հիշում եմ, ― ասաց առաջին եղբայրը։ ― Ներկա էի։ Դեղնավուն ցուլ էր, դուրս ընկած ճակատով, եղջյուրները երկար։ Երեսուն arrobas[53]֊ից ավելի կլիներ։ Դա վերջին ցուլն էր, որ նա սպանեց Վալլադոլիդում։

― Ճիշտ է, ― ասաց Պիլարը։ ― Այ դրանից հետո ցլամարտասերները «Կոլոն» սրճարանում Ֆինիտոյի պատվին բանկետ կազմակերպեցին, նրանք իրենց ակումբը կոչել էին Ֆինիտոյի անունով և որոշել էին այդ օրը սպանված ցուլի գլխի խրտվիլակը նվիրել նրան։ Գլուխը կախված էր պատից, բայց կտորով ծածկված էր։ Ես էի այնտեղ, Պաստորան էր, նա ինձնից էլ տգեղ է, Նինա դե Լոս Պեյնեսն էր, կային ուրիշ գնչուներ էլ և առաջնակարգ անառակ կանայք։ Ճիշտ է, բանկետը շատ մեծ չէր, բայց թափով էր, նույնիսկ կատաղի։ Մի վեճ էլ եղավ՝ Պաստորայի ու անառակ կանանցից ամենից ավելի աչքի ընկնողներից մեկի միջև, մաքուր վարք ու բարքի շուրջը։ Ես, լուռ ու երջանիկ, նստել էի Ֆինիտոյի կողքին, և հանկարծ նկատեցի, որ նա չի ուզում նայել ցուլի գլխին, իսկ դա ծածկված էր բոսորագույն կտորով, ոնց որ չարչարանաց օրերին մեր նախկին տեը աստուծո պատկերը։

Ֆինիտոն շատ քիչ էր ուտում, որովհետև Սարագոսայում, վերջին մարտի ժամանակ, երբ մոտեցել էր ցուլին սպանելու, ուժեղ palotago էր ստացել, հարված եղջյուրի կողքով, և երկար ժամանակ գիտակցությունը կորցրել էր, դրանից հետո ստամոքսը ուտելիք չէր ընդունում, արյուն էր թքում, ու բանկետի ամբողջ ընթացքին թաշկինակը բերանից չէր հեռացնում։ Բայց ես ի՞նչ էի ուզում պատմել։

― Ցուլի գլխի մասին, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Խրտվիլակի։

― Հա, ― ասաց Պիլարը։ ― Ճիշտ է։ Բայց մինչ այդ պետք է որոշ մանրամասնություններ պատմեմ, որպեսզի հասկանաք, թե ինչն ինչոց է։ Ֆինիտոն ուրախ մարդ չէր, դա արդեն ասել եմ։ Ավելին՝ մռայլ մարդ էր, ես նրա ծիծաղելը չեմ հիշում, չէր ծիծաղում թեկուզ երբ միայն երկուսով էինք կան նույնիսկ երբ շատ ծիծաղելի բաներ էին լինում։ Ահավոր լրջությամբ էր վերաբերում ամեն ինչին։ Համարյա Ֆերնանդոյի չափ լուրջ էր։ Բայց այդ բանկետը իր պատվին էր, այն էլ իր երկրպագուներն էին տալիս, aficionados, Ֆինիտոյի ակումբի անդամները, և նա պարտավոր էր, գոնե առերևույթ, ուրախ լինել, սիրալիր, զվարթ։ Ու նա բանկետի ամբողջ ընթացքում ժպտում էր, սիրալիր խոսքեր էր ասում, և միայն ես էի տեսնում, թե ինչ վիճակում է։ Երեք թաշկինակ ուներ, երեքն էլ արյունով լցվեցին, և նա շատ ցածր ձայնով դարձավ ու ասաց ինձ՝ «Պիլար, էլ չեմ դիմանում, երևի գնամ»։

― Գնանք, ― ասացի, որովհետև տեսա, որ շատ է տանջվում։ Աղմուկն արդեն այնքան էր ուժեղացել, որ խլացնում էր։

― Չէ՛, չեմ կարող գնալ, ― ասաց Ֆինիտոն։ ― Վերջին հաշվով այս ակումբն իմ անունն է կրում, և ես պարտավոր եմ մնալ։

― Բայց եթե հիվանդ ես, պետք է գնալ, ― ասացի ես։

― Չէ՛, ― ասաց։ ― Կմնամ։ Մի քիչ մանսանիլլա լցրու։

Ես մտածում էի, որ խելոք բան չէ նրան խմիչք տալը, որովհետև ոչինչ չէր կերել, բացի այդ ստամոքսը հիվանդ էր։ Բայց երևի հնարավոր չէր այլևս այդ քեֆին ու աղմուկին առանց ուտել֊խմելու նստելը։ Սկսեց խմել։ Մեկ, երկու, տեսնեմ շիշը դատարկել է։ Թաշկինակները շարքից դուրս էին եկել, սկսեց անձեռոցիկը թաշկինակի տեղ օգտագործել։

Բանկետը հասել էր ոգևորության գագաթնակետին, ակումբի անդամներից մի քանիսը անառակ կանանցից նիհարներին նստեցրել էին ուսերին ու սկսել էին տողանցել սեղանի շուրջը։ Պաստորային համոզեցին երգել։ Էլ Նինո Ռիկարդոն կիթառ էր նվագում։ Այնքան հուզիչ էր, իսկական քեֆ էր, թեև բոլորը հարբած էին, բայց հրաշալի էր, սրտագին։ Ես ուրիշ նման բանկետ չէմ հիշում, իսկական անդալուզիական գնչուական խրախճանք։ Իսկ ծածկոցը դեռ չէին իջեցրել ցուլի գլխից, դեռ ձգում էին քեֆը, բանկետի աղը դա էր լինելու։

Ես էլ էի քեֆ անում, ծափ էի տալիս Ռիկարդոյի նվագի տակ, և այնքան էի ոգևորված Նինա դե դե Լոս Պեյնեսին երգել տալու գործով, որ չէի նկատել, թե ինչպես Ֆինիտոն թքոտած իր անձեռոցիկը գցել է ու իմն է արդեն գործածում։ Նա հիմա իրար ետևից լցնում էր մանսանիլլան ու խմում, աչքերը փայլում էին, բոլորին ուրախ ժպտում էր ու գլխով անում։ Չէր խոսում, որովհետև անձեռոցիկը շուտ֊շուտ տանում էր բերանին։ Ցույց էր տալիս, որ շատ ուրախ էր, շատ գոհ, վերջին հաշվով չէ՞ որ դա էին նրանք ուզում իրենից։

Բանկետը շարունակվում էր, իսկ Ռաֆայել Էլ Գալլոյի նախկին իմպրեսարիոն, որ նստած էր կողքիս, ինձ պատմում էր մի դեպք, որն այսպես ավարտվեց․ « Եվ մի օր էլ Ռաֆայելը գալիս է մոտս ու ասում․ ― Դու իմ ամենալավ ընկերն ես, աշխարհի ամենաազնիվ մարդը։ Ես քեզ սիրում եմ ոնց որ հարազատ եղբորս և ուզում եմ մի բան նվիրել։ ― Ասաց, հանեց մի ադամանդակուռ քորոց, տվեց ու երկու թուշս համբուրեց։ Երկուսս էլ հուզվեցինք։ Հետո Ռաֆայել Էլ Գալլոն շարժվեց դեպի սրճարանի դուռը։ Ես դարձա Ռետանային, որը նույնպես մեր սեղանի շուրջն էր նստած, ու ասացի․ ― Այդ կեղտոտ գնչուն մի ուրիշ իմպրեսարիոյի հետ պայմանագիր է կնքել։

― Այդ որտեղի՞ց հանեցիր, ― ասաց Ռենատան։

― Այս տասը տարի է իրար հետ ենք, ոչ մի անգամ նա ինձ ոչ մի բան չի նվիրել։ Ա՛յ թե որտեղից հանեցի։

Այդպես էլ եղավ։ Էլ Գալլոն թողեց ինձ ու գնաց ուրիշ իմպրեսարիոյի մոտ։

Այստեղ խոսակցությանը խառնվեց Պաստորան և ոչ թե Ռաֆայելին պաշտպանելու համար, նա Ռաֆայելի մասին այնպիսի վատ բաներ էր ասել, որ դրանից ավել հնարավոր էլ չէր, այլ «կեղտոտ գնչու» արտահայտության համար։ Նա այնպես էր կատաղել, այնպիսի խոսքեր էր ասում, որ իմպրեսարիոյի թուքը բերանում ցամաքել էր։ Ես սկսեցի հանգստացնել Պաստորային, մի ուրիշ gitana էլ սկսեց ինձ հանգստացնել, և այնպիսի մի ժխոր եղավ, որ ոչ մի բան չէր հասկացվում, միայն մի բառ էր, որ որոշակի լսվում էր՝ «պոռնիկ», մնացածը հնարավոր չէր տարբերել։ Երբ ամեն ինչ հանդարտվեց, երեքս էլ՝ այդ խոսակցության խառնվածներս, գլուխներս կախել ու մեր առջևի բաժակներին էինք նայում, հետո ես նկատեցի Ֆինիտոյի սարսափահար դեմքը, նա նայում էր բոսորագույն կտորով ծածկված ցլի գլխին։

Այդ պահին ակումբի նախագահն սկսեց իր ճառը, դրանից հետո ծածկոցը վերցվելու էր։ Ճառին ուղեկցում էին ծափեր, «Ole»֊ներ, դափում էին սեղաններին։ Ես հետևում էի Ֆինիտոյին՝ նա անձեռոցիկը տարել էր բերանը, իր անձեռոցիկը, ոչ թե իմը, կուչ էր եկել բազկաթոռի մեջ և սարսափահար նայում էր դիմացի պատից կախված ծածկված գլխին։

Երբ ճառն արդեն ավարտվում էր, Ֆինիտոն սկսեց գլուխը թափ տալ, նա ավելի ու ավելի էր կուչ գալիս, կարծես ուզում էր սուզվել֊կորչել բազկաթոռի մեջ։

― Ի՞նչ եղավ, պստիկս, ― հարցրեցի նրան, ― նա նայեց ինձ, բայց չճանաչեց, գլուխն էր թափ տալիս միայն ու կրկնում․ «Ո՛չ։ Ո՛չ։ Ո՛չ»։

Նախագահն ավարտեց ճառը, ողջյունների աղմուկի տակ բարձրացավ֊կանգնեց աթոռի վրա, արձակեց կապն ու սկսեց ցած քաշել բոսոր ծածկոցը, ծայրը ասռեց եղջույրին, նորից բարձրացրեց ու հանեց։ Բացվեց ցուլի պատից կախված դեղնավուն գլուխը, աղեղնաձև սև եղջյուրների սպիտակ ծայրերը սուրսայր էին ինչպես խոզուկի փշերը, իսկ գլուխը կարծես կենդանի լիներ՝ ճակատը դուրս ընկած, ռունգերը լայն բացված, աչքերը փայլուն, հայացքն ուղիղ Ֆինիտոյին սևեռած։

Բոլորը գոռում էին, ծափահարում, իսկ Ֆինիտոն ավելի ու ավելի էր կուչ գալիս բազկաթոռի մեջ ու անընդհատ նույն բանն ասում՝ «Ո՛չ։ Ո՛չ», և երբ արդեն հանդարտվել էին, «Ո՛չ», ասաց բարձրաձայն, ու արյունը ժայթքեց բերանից, նա չհասցրեց անձեռոցիկը տանել բերանին, արյունը վազեց ծնոտի վրայով, իսկ նա նայում էր ցուլի գլխին ու ասում․ «Հա՛, հա՛, ամբողջ խաղաշրջանին՝ հա։ Փող վաստակելու համար՝ հա՛։ Կտոր հացի համար՝ հա՛։ Բայց ես այդ հացը չեմ կարողանում մարսել։ Հասկանո՞ւմ եք դուք։ Ստամոքսս չի գործում։ Իսկ հիմա ո՛չ։ Խաղաշրջանն ավարտվել է։ Հիմա այլևս ո՛չ։ Ո՛չ»։ Նա նայեց շուրջը՝ սեղանակիցներին, ապա ցուլի գլխին, նորից ասաց «ոչ» և անձեռոցիկը տարավ բերանին ու լուռ նստեց։ Այդքան լավ, ընկերական, սրտառուչ բանկետը այսպիսի անհաջող ավարտ ունեցավ։

― Դրանից հետո ինչքա՞ն ապրեց, ― հարցրեց Պրիմիտիվոն։

― Այդ ձմեռ մահացավ, ― ասաց Պիլարը։ ― Սարագոսայում եղջյուրի կողքով ստացած այն հարվածից հետո խելքը գլուխը չեկավ։ Այդ հարվածները ավելի վատ են, քան ուղիղները։ Դրանցից մարմնի ներսի մասերն են վնասվում և չէն էլ բուժվում։ Սարագոսայից հետո այդպիսի հարվածներ շատ էր ստանում, դրա համար էլ արդեն հաջողություն չուներ։ Հասակը որ կարճ էր, դժվար էր խուսափում հարվածներից։ Եղջյուրը գրեթե միշտ կողքով կպչում էր նրան։ Մեծ մասը, իհարկե, թույլ հարվածներ էին։

― Եթե այդքան կարճահասակ էր, ուրեմն մատադոր պիտի չդառնար, ― ասաց Պրիմիտիվոն։

Պիլարը նայեց Ռոբերտ Ջորդանին և գլուխը թափ տվեց։ Հետո, շարունակելով գլուխը թափ տալ, հակվեց երկաթյա խոշոր տապակի վրա։

Այս ինչ մարդիկ են, մտածեց նա։ Այս ինչ մարդիկ են այս իսպանացիները։ «Եթե այդքան կարճահասակ էր, ուրեմն մատադոր պիտի չդառնար»։ Իսկ ես լսում եմ դա ու լռում։ Չէ, էլ չեմ բարկանա։ Բացատրես, չբացատրես մեկ է սրանց համար։ Ավելի լավ է լռեմ։ Ինչ պա՜րզ է, երբ մարդ ոչինչ չգիտի։ Que sencillo! Հանգիստ կարող է կանգնել ու ասել՝ «Այնքան էլ լավ մատադոր չէր», կամ՝ «Թոքախտավոր էր»։ Բացատրում ես, հասկացնում, իսկ նա՝ «Եթե այդքան կարճահասակ էր, ուրեմն մատադոր պիտի չդառնար»։

Օջախի վրա հակված նա հիմա նորից տեսավ Ֆինիտոյին, նա պառկել էր անկողնում, թուխ, մերկ, ազդրերին կոշտուկապուտ սպիներ, աջ կողքի ստորին կրծոսկրի տակից եղջյուրի հարվածից առաջացած վերքի խոր, սպիտակ հետքը ձգվում էր մինչև անոթը։ Նա տեսավ նրա թուխ դեմքը, գանգուր, սև մազերը, որ հիմա ետ էր տարել ճակատից, աչքերը փակ էին, իսկ ինքը նստել էր կողքին՝ մահճակալի վրա, ու շփում էր նրա սրունքները, մերսում, թուլացնում էր պրկված մկանները։

― Ո՞նց ես, ― հարցնում է նրան։ ― Ո՞նց են սրունքներդ, պստիկս։

― Շատ լավ, Պիլա՛ր, ― ասում է նա առանց աչքերը բացելու։

― Կուրծդ շփե՞մ։

― Չէ՛, Պիլար։ Ձեռք մի՛ տուր, խնդրում եմ։

― Իսկ սրունքնե՞րդ, վերևը։

― Չէ՛։ Այդ մասը շատ է ցավում։

― Քսուկով շփեմ, կտաքանան, ցավը կպակասի։

― Չէ՛, Պիլար։ Շնորհակալ եմ։ Ավելի լավ է ձեռք չտաս։

― Սպիրտով։

― Շփիր, բայց շատ թեթև։

― Վերջին ցուլին սպանելիս հրաշալի էիր, ― ասաց ինքը։

― Այո՛, լավ սպանեցի, ― ասաց նա։

Հետո, երբ շփել վերջացրել էր, ծածկեց սավանով ու պառկեց կողքին՝ մահճակալի վրա, իսկ նա թուխ ձեռքը հանեց մահճակալի տակից, դրեց իր վրա ու ասաց․ «Պիլար, դու կարգին կին ես»։ Դա, երևի, նրա երբևէ արած ամենահաջող սրախոսությունն էր, հետո սովորականի պես, ոնց որ ամեն մի մարտի հաջորդող գիշեր, նա քնեց, իսկ ինքը պառկեց կողքին, ձեռքն առավ ափերի մեջ ու ականջ դրեց շնչառության ձայնին։

Քնի մեջ վախից ցնցվում էր, մատները կծկվում էին իր ափերի մեջ, ճակատին հուլունք֊հուլունք քրտինք էր կապել, մեկ֊մեկ արթնանում էր, «Բան չկա», ասում էր ինքը, և նա նորից էր քնում։ Հինգ տարի այսպես ապրել էր նրա հետ և երբեք անհավատարիմ չէր եղել, համարյա երբեք, իսկ թաղումից հետո կապվել էր Պաբլոյի հետ, որն այն ժամանակ պիկադորների ձիերն էր մարտահրապարակ բերում և շատ էր նման այն ցուլերին, որոնց սպանելով Ֆինիտոն իր կյանքն սպառեց։ Բայց արի տես, որ ոչ ցուլի ուժը, ոչ էլ քաջությունը երկար չեն դիմանում։ Հիմա արդեն գիտի այդ բանը։ Իսկ ի՞նչն է երկար դիմանում։ Ես, մտածեց նա։ Ես երկար դիմացա։ Բայց ինչի՞ համար։

― Մարիա՛, ― ասաց նա։ ― Ուշադիր եղիր, այդ ի՞նչ ես անում։ Ճա՞շ ենք եփելու, թե՞ քաղաք ենք կրակի տալու։

Այդ պահին դռան մեջ երևաց գնչուն։ Ձյուն էր նստել վրան, կանգնած՝ հրացանը ձեռքին, նա սկսեց թափ տալ ոտքերը։

Ռոբերտ Ջորդանը վեր կացավ ու գնաց դեպի դուռը։

― Հետո՞, ― ասաց գնչուին։

― Մեծ կամրջի մոտ ժամապահները փոխվում են վեց ժամը մեկ, երկուական մարդ, ― ասաց գնչուն։ ― Ճանապարհաշինության վարպետի խրճիթում ութ հոգի են, մեկ էլ կապրալը։ Սա էլ քո ժամացույցը։

― Իսկ սղոցարա՞նը։

― Այնտեղ ծերուկն է։ Նա դրա մասին էլ կասի, ճանապարհի էլ։

― Դու ի՞նչ տեսար ճանապարհի վրա, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ոչ մի արտակարգ բան։ Ոնց որ միշտ, մի քանի ավտոմեքենա։

Երևում էր գնչուն լավ սառել է, նրա սևաթույր դեմքի մաշկը ձգվել էր, ձեռքերը կարմրել էին։ Նա կանգնել էր քարայրի մուտքում, բաճկոնը հանել էր ու թափ էր տալիս։

― Ես սպասեցի, մինչև ժամապահները փոխվեցին, ― ասաց նա։ ― Մեկ կեսօրին փոխվեցին, մեկ էլ վեցին։ Ուշ֊ուշ են փոխվում։ Ինչ լավ է, որ բանակում չեմ։

― Հիմա գնանք ծերուկի ետևից, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ հագնելով կաշվե բաճկոնը։

― Ես չէ, ― ասաց գնչուն։ ― Ես հիմա տաքանալու եմ ու հաց եմ ուտելու։ Սրանցից մեկնումեկին ես տեղը կբացատրեմ, թող քեզ տանի։ Հե՛յ, անբաններ, ― գոռաց սեղանի շուրջը նստածներին։ ― Ո՞վ է ուզում Ingles֊ին ծերուկի մոտ տանել։

― Ես կգնամ, ― ասաց Ֆերնանդոն ու վեր կացավ։ ― Ասա, որտե՞ղ է։

― Դե լսի՛ր, ― ասաց գնչուն։ ― Այստեղ․․․ ― և բացատրեց, թե ինչպես կարող են գտնել դարան մտած Անսելմոյին։

Գլուխ տասնհինգերորդ

Անսելմոն կուռ էր եկել մի ծառաբնի ետևում ու պատսպարվել ձյունահողմից։ Ձեռքերը կոխել էր բաճկոնի թևքերի մեջ, աջ ձեռքը ձախի, ձախը՝ աջի, գլուխը քաշել էր ներս ու կպել ծառին։ Մի քիչ էլ որ մնամ, կսառեմ, մտածեց նա։ Ախր իմաստ էլ չունի։ Ճիշտ է, Ingles֊ն ասաց, որ մնամ մինչև գան փոխարինելու, բաց նա այն ժամանակ ի՞նչ իմանար, որ այսպիսի բուք է լինելու։ Ճանապարհի վրա արտակարգ շարժումներ չեն եղել, սղոցարանի պահակակետի դիրքն ու անցուդարձն էլ ոնց որ պետք էր իմացա։ Էլ ի՞նչ։ Գնամ։ Հասկացող մարդը պիտի սպասեր, որ ես հիմա ճամբար կվերադառնամ, մի քիչ էլ մնամ, մտածեց նա, հետո արդեն կգնամ։ Հիմար բան է հրաման ասածը․ կտրուկ, ոչ մի բան հաշվի չի առնում։ Ահա, բուք է, բայց պիտի մնաս, հրաման է։ Սկսեց ոտքերն իրար շփել, հետո ձեռքերը հանեց թևքերից ու սրունքները շփեց, ոտքերը խփեց իրար, որպեսզի արյունը լավ շրջան անի։ Ծառի ետևում համեմատաբար լավ էր, ցուրտն այնքան ուժեղ չէր, որովհետև քամին կոտրվում էր, բայց և այնպես արդեն հնարավոր չէր նստած մնալ, պետք էր վեր կենալ ու շարժվել։

Հենց այդ պահին, երբ ոտքերն իրար էր խփում, ճանապարհից ավտոմեքենայի ձայն լսվեց։ Մեքենայի անիվները պատված էին շղթաներով, շղթայի փաթաթաններից մեկը թուլացել էր ու զնգզնգում էր։ Ձյունածածկ ճանապարհով մեքենան ավելի ու ավելի մոտիկ եկավ, ներկված էր, կանաչ ու շագանակագույն անկանոն գծերը խառնվել էին իրար, ապակիները կապույտ էին, ներսը չէր երևում, կիսաբոլոր մի փոքր տեղ միայն թողել էին չներկված, որպեսզի ներսը գտնվողները կարողանային դուրսը տեսնել։ Գլխավոր շտաբի մեքենա էր, երկու տարվա ռոլս֊ռոյս, վեր էին ածել ռազմականի, բայց Անսելմոն այդքան բան որտեղի՞ց իմանար։ Նա չտեսավ նաև թիկնոցների մեջ պինդ փաթաթված սպաներին, որոնցից երկուսը նստել էին ետևում, իսկ երրորդը՝ բացովի նստարանին։ Բացովի նստարանին նստած սպան կապույտ լուսամուտի կիսաբոլոր բացվածքից նայում էր ճանապարհին։ Անսելմոն նրան չտեսավ։ Ոչ էլ նա տեսավ Անսելմոյին։

Մեքենան ձյան վրայով եկավ ու անցավ ուղիղ իր առջևով։ Անսելմոն տեսավ վարորդին, կարմիր թշեր ուներ, գլխին երկաթյա սաղավարտ կար, ուսերին՝ թիկնոց, կողքին մի զինվոր էր նստած՝ ձեռքը դրած գնդացրի փողին։ Մեքենան գնաց ու թեքվեց կեռմանով, Անսելմոն ձեռքը տարավ բաճկոնի տակ, վերնաշապկի կրծքագրպանից հանեց Ռոբերտ Ջորդանի տված թերթիկները և մարդատար մեքենայի պայմանական նկարի տակ նշում արեց։ Դա արդեն տասներորդն էր։ Վեցը ետ էին եկել։ Չորսը դեռ վերևում էին։ Սովորականից շատ չէին, բայց բանն այդ չէր, ֆորդերի, ֆիատների, օպելների, ռընոների ու սիտրոյենների կողքին, որոնք դիվիզիայի շտաբի մեքենաներ էին, հայտնվել էին ռոլս֊ռոյսներ, լանչիաներ, մերսեդեսներ, իզոտոներ, իսկ դրանք արդեն գլխավոր շտաբի մեքենաներն էին։ Անսելմոն այդ բանը չգիտեր, նա չէր տարբերում մակնիշները, ուրիշ բան, եթե այդտեղ լիներ Ռոբերտ Ջորդանը, նա անմիջապես կհասկանար, թե ինչ է նշանակում այդ մեքենաների հայտնվելը։ Բայց նա այդտեղ չէր, իսկ ծերունին, ինչպես որ հանձնարարված էր իրեն, ճանապարհով շարժվող ամեն մի մեքենա տեսնելիս թերթիկի վրա մի նոր նշան էր ավելացնում և վերջ։

Անսելմոն այնպես էր սառել, որ որոշեց վերադառնալ քանի դեռ մութը չէր ընկել։ Մոլորվելու վախից չէր, որ ուզում էր լույսով ետ դառնալ, պարզապես մտածում էր, որ մնալն ավելորդ է, քամին քանի գնում ավելի ու ավելի սառն էր դառնում, իսկ ձյան վերջը չէր երևում։ Վեր կացավ, ոտները թափ տվեց, իջնող ձյան միջով նայեց ճանապարհին ու մնաց տեղում, էլ չփորձեց վերև գնալ, հենվեց սոճու քամուց պաշտպանված կողին և սպասեց։

Ingles֊ն ասաց, որ մնամ, մտածեց Անսելմոն։ Նա գուցե հիմա ճամփա է ընկել, կգա, ինձ չի գտնի ու կարող է մոլորվել այս ձյան մեջ։ Մենք արդեն այնքան ենք տուժել այս պատերազմի օրերին մեր անկարգապահության ու հրամաններին չենթարկվելու պատճառով։ Չէ՛, կսպասեմ Ingles֊ին, մի քիչ էլ կսպասեմ։ Բայց եթե ուշանա, կգնամ, էլ ոչ մի հրամանի չեմ նայի։ Ախր ես պետք է տեղեկացնեմ, թե ինչ եմ տեսել, բացի այդ՝ ես ուրիշ գործեր էլ ունեմ այս երկու օրը, այնպես որ այստեղ մնալ֊սառելը բոլորովին իմաստ չունի։ Դրանից օգուտ չկա։

Ճանապարհի մյուս կողմում գտնվող սղոցարանի ծխնելույզից բարձրացող ծխի հոտը թափվող ձյան միջով հասավ Անսելմոյին։ Հիմա այդ ֆաշիստները հանգիստ նստել են տաքուկ սենյակում, իսկ վաղը գիշերը մենք նրանց պիտի սպանենք, մտածեց նա։ Տարօրինակ բան է։ Չեմ ուզում այդ մասին մտածել։ Ես այսօր ամբողջ օրը նրանց էի հետևում․ մարդիկ են, մեզ նման։ Համոզված եմ, հիմա եթե գնամ ու դուռը թակեմ, սիրով կընդունեն, բայց մյուս կողմից էլ արի տես, որ չեն կարող, որովհետև հրամայված է բոլորին հարցաքննել ու փաստաթղթերն ստուգել։ Ի՞նչ է դուրս գալիս՝ մեզ բաժանողը հրամաններն են։ Այս մարդիկ, օրինակ, ի՞նչ ֆաշիստ։ Ասում եմ ֆաշիստ, բայց ֆաշիստ չեն։ Մեզ նման մարդիկ են, խեղճ ու կրակ։ Ինչո՞ւ պիտի կռվեին մեր դեմ, ես ինչո՞ւ պիտի դրանց սպանեի։

Այս ժամապահները գալիսիացի են։ Կեսօրից հետո, երբ նրանց խոսակցությունը լսեցի, անմիջապես գլխի ընկա։ Դասալիք դառնալ նրանք չեն կարող, հարազատներին կգնդակահարեն։ Գալիսիացիները կամ շատ խելացի են լինում, կամ շատ բութ ու զզվելի։ Երկու տեսակին էլ հանդիպել եմ։ Ե՛վ Լիստերն է գալիսիացի, և՛ Ֆրանկոն, երկուսն էլ նույն քաղաքից։ Տեսնես ի՞նչ են մտածում հիմա այս գալիսիացիները, երբ այս ամսին այսպիսի ձյուն են տեսնում։ Նրանց մոտ բարձր սարեր չկան, այնտեղ անձրև է գալիս ու միշտ կանաչ է։

Սղոցարանի պատուհաններում լույս երևաց, իսկ Անսելմոն ցրտից դողում էր։ Գրողը տաներ այդ Ingles֊ին, մտածեց նա։ Այդ գալիսիացիները նստել են հիմա այնտեղ, մեր երկրում, տաքուկ տան մեջ, իսկ ես կուչ եմ եկել ծառի տակ ու ցրտից դողում եմ։ Մտցրել ենք մեզ ժայռերի ճեղքերի մեջ, ապրում ենք որջերում, ոնց որ սարի գազան։ Բայց ոչինչ, մտածեց նա, վաղը գազանները դուրս կգան որջերից, և այդ լավ ու հանգիստ նստածներդ կմեռնեք ձեր տաքուկ վերմակների մեջ։ Ոնց որ այն մյուսները՝ Օտերոյում, երբ գիշերով հանկարծակիի բերեցինք, մտածեց նա։ Բայց նա չէր սիրում հիշել Օտերոն։

Այն գիշեր, Օտերոյում, նա կյանքում առաջին անգամ մարդ սպանեց։ Հույս ուներ, որ այս ժամապահներին վերացնելիս, ինքն ստիպված չի լինի սրանցից որևէ մեկին սպանելու։ Օտերոյում այսպես եղավ, ինքը վերմակը գցեց ժամապահի գլխին, իսկ Պաբլոն դանակով խփեց նրան, պահակը արդեն մեռնում էր, բայց մեկ էլ ձեռքը գցեց ու բռնեց ոտքից, ինքն էլ ստիպված եղավ վերմակի վրայից դանակահարելու նրան, մինչև որ անշարժացավ։ Ծունկը դրել էր ժամապահի կոկորդին, որպեսզի չկարողանա ձայն հանել, ու խփում էր դանակով, այդ պահին Պաբլոն պատուհանից նռնակը գցեց սենյակ, զինվորները քնած էին։ Բոցը բարձրացավ, թվաց, ամեն ինչ կարմիր ու դեղին է, Պաբլոն երկու նռնակ էլ շպրտեց պատուհաններից ներս, անկողնից դուրս թռած զինվորներն էլ սպանվեցին։ Այդ այն ժամանակ էր, երբ Պաբլոն մոլեգնած դևի նման մահ էր սփռում ամբողջ նահանգում, դա նրա քաջագործությունների շրջանն էր, այդ օրերին ֆաշիստական ոչ մի պահակակետ գիշերներն իրեն ապահով չէր կարող զգալ։

Իսկ հիմա Պաբլոն վերջացած մարդ է, լրիվ կործանված, իսկական կռտած վարազ, մտածեց Անսելմոն։ Երբ վարազին կռտում֊պրծնում են, երբ ճչոցը կտրվում է, վարազը, որն արդեն վարազ չէ, մռութը գետնին քսելով գնում֊գտնում է ամորձիները և ուտում։ Չէ՝, Պաբլոն դեռ այդ օրին չի հասել, քմծիծաղեց Անսելմոն, չէ, չի հասել։ Բայց շատ զզվելի է դարձել, շատ է փոխվել։

Սարսափելի ցուրտ է, մտածեց նա։ Այդ Ingles֊ն ո՞ւր մնաց, գար պրծնեի, և հետո, ինչ լավ կլինի, եթե ես չսպանեմ այս չորս գալիսիացիներին ու կապրալին։ Ով ուզում է թող սպանի, ում համար որ հաճելի է, թող նա էլ սպանի։ Ingles֊ը այդպես ասաց։ Ասենք եթե հանձնարարեն, պիտի անեմ, բայց Ingles֊ն ասաց, որ դա մյուսներն են անելու, ես լինելու եմ իմ հետ, կամրջի տակ։ Կամրջի համար մարտ է լինելու, թե կարողացա ինձ ամուր պահել, դա էլ բավական է իմ տարիքի մարդու համար։ Բայց այս Ingles֊ն ո՞ւր մնաց, շատ ցուրտ է, գար՝ գնայինք, այդ սղոցարանի լույսն էլ որ տեսնում եմ ու պատկերացնում, որ ոնց տաք֊տաք նստել են գալիսիացիները, էլ ավելի եմ մրսում։ Ո՞ւր էր թե պատերազմը վերջացած լիներ, ես էլ լինեի իմ տանը։ Բայց դու հիմա տուն չունես, մտածեց նա։ Տուն վերադառնալու համար նախ պետք է այս պատերազմը հաղթել։

Սղոցարանում մի զինվոր նստել էր մահճակալին ու կոշիկներն էր ներկում։ Մյուսը քնել էր տեղերի մեջ, երրորդն ինչ֊որ բան էր եփում, իսկ կապրալը լրագիր էր կարդում։ Սաղավարտները կախված էին պատին խփված մեխերից, իսկ հրացանները հենված էին փայտորմին։

― Սա երկի՞ր է, արդեն հունիս ամիսն է ու ձյուն է գալիս, ― ասաց մահճակալին նստած զինվորը։

― Բնության խաղերից է, ― ասաց կապրալը։

― Լուսնի ամսով դեռ մայիս է ― ասաց եփող զինվորը։ ― Լուսնի ամսով մայիսը չի վերջացել։

― Լինի մայիս, սա երկի՞ր է, մայիսին՝ ձյուն, ― շարունակեց մահճակալին նստած զինվորը։

― Սարերում հաճախ է մայիսին ձյուն գալիս, ― ասաց կապրալը։ ― Ես Մադրիդում մի անգամ մայիսին ավելի շատ մրսեցի, քան ձմռանը։

― Եվ պատահում է, որ ավելի շոգ է լինում, քան ամռանը, ― ասաց եփող զինվորը։

― Շատ հակասական եղանակ է լինում մայիսին, ― ասաց կապրալը։ ― Այստեղ՝ Կաստիլիայում, մայիսին սովորաբար շատ շոգ է լինում, բայց կարող է և շատ ցուրտ լինել։

― Կամ անձրևել, ― ասաց մահճակալին նստած զինվորը։ ― Անցյալ տարի մայիսին գրեթե ամեն օր անձրև էր գալիս։

― Ճիշտ չես, ― ասաց եփող զինվորը։ ― Այդ քո անցյալ տարվա մայիս ասածը լուսնի ամսով ապրիլ էր։

― Լուսնի ամիս, լուսնի ամիս, մարդ կարող է գժվել, ― ասաց կապրալը։ ― Հանգիստ թող այդ լուսինը։

― Եթե ապրուստդ ծովից կամ հողից հանեիր, կտեսնեիր, որ լուսնի ամսով է որոշվում եղանակը, սովորական օրացույցի ամիսները հաշիվ չեն, ― ասաց եփող զինվորը։ ― Հիմա, օրինակ, լուսնով նոր մայիսն ենք մտել, իսկ այնպես արդեն հունիս է։

― Որ այդպես է, ուրեմն թող ճշտեն տարվա եղանակները, վերջնական մի բան լինի, ― ասաց կապրալը։ ― Գլուխս պայթում է այս դատարկ խոսքերից։

― Դու քաղաքից ես, ― ասաց եփող զինվորը։ ― Լուգոյից ես, չէ՞։ Դե որտեղի՞ց իմանաս ինչ է ծովը, ինչ է հողը։

― Քաղաքացին ինչքան չիմանա, որ քեզ նման analfabetos[54]֊ից քիչ բան իմանա։

― Դու գիտե՞ս, օրինակ, որ լուսնի այս ամսին սարդինի վտառներն սկսում են ափին մոտենալ, ― ասաց եփող զինվորը։ ― Ձկնորսանավերը բերնեբերան լցվում են։ Գիտե՞ս։ Իսկ թյունիկը հյուսիս է քաշվում։

― Իսկ քեզ ինչո՞ւ նավատորմ չեն վերցրել, ― հարցրեց կապրալը։ ― Նոյայից ես, չէ՞։

― Ըստ ցուցակների ես նեգրեյրացի եմ, որովհետև այնտեղ եմ ծնվել, Տամբրե գետի ափին, և ոչ թե նոյացի, իսկ նեգրեյացիներին ցամաքային զորամաս են տանում։

― Բախտդ չի բերել, ― ասաց կապրալը։

― Մի՛ կարծիր, որ նավատորմն անվտանգ է, ― ասաց մահճակալին նստած զինվորը։ ― Եթե ծովային մարտի էլ չբռնվես, ձմռանը ափին ինչ ասես կարող է պատահել։

― Բոլորից վատը ցամաքային զորամասներն են, ― ասաց կապրալը։

― Եվ դու էլ կապրալ ես, ― ասաց եփող զինվորը։ ― Այդ ի՞նչ ես խոսում։

― Ի՞նչ եմ խոսում, ― ասաց կապրալը։ ― Ես վտանգը նկատի ունեմ։ Ես նկատի ունեմ անվերջ ռմբակոծությունները, հարձակումները, խրամատային կյանքը։

― Այստեղ այդպիսի բաներ չենք տեսնում, ― ասաց մահճակալին նստած զինվորը։

― Աստծու ողորմածությամբ, ― ասաց կապրալը։ ― Բայց ի՞նչ իմանաս, թե ինչքան ժամանակ։ Մեր հերթն էլ կգա, միշտ այդպես հեշտ ու խաղաղ չի լինի։

― Ի՞նչ ես կարծում, դեռ ինչքա՞ն կմնանք այստեղ։

― Չգիտեմ, ― ասաց կապրալը։ ― Բայց լավ կլիներ, եթե մինչև պատերազմի վերջը մնայինք։

― Հերթափոխության համար վեց ժամը շատ է, ― ասաց եփող զինվորը։

― Եթե բուքը շարունակվի, կհերթափոխվենք երեք ժամը մեկ, ― ասաց կապրալը։ ― Դա նորմալ կլինի։

― Այդ շտաբի մեքենաներն ի՞նչ են նշանակում, ― հարցրեց մահճակալին նստած զինվորը։ ― Դրանց հայտնվելն ինձ դուր չի գալիս։

― Ես կարմիրների ինքնաթիռները տեսել եմ, դրանք ասել֊անցնելու չէին, ― ասաց մահճակալին նստած զինվորը։ ― Տեսել եմ այն երկշարժիչ ռմբակոծիչները, մարմինդ դող է ընկնում, սարսափ էին։

― Ճիշտ ես։ Բայց մեր ավիացիան ահավոր է։ Նրանք մեզ չեն հասնի, ― ասաց կապրալը։ ― Մեր ավիացիան հաղթել չի լինի։

Այսպիսի զրույց էր տեղի ունենում սղոցարանում, երբ Անսելմոն, կանգնած իջնող ձյան տակ, հետևում էր ճանապարհի անցուդարձին ու նայում լուսավորված պատուհանին։

Ո՞ւր էր, թե ես սպանելու հետ գործ չունենայի, մտածում էր Անսելմոն։ Ես կարծում եմ, որ պատերազմի ավարտից հետո այս բոլոր սպանությունների համար պետք է մի մեծ ապաշխարություն կազմակերպվի։ Երևի այն ժամանակ եկեղեցի չի լինի, ուրեմն պետք է մի նոր բան մտածենք, թող քաղաքացիական ապաշխարություն լինի, որպեսզի մարդիկ կարողանան մաքրվել այս ոճիրներից, թե չէ ճշմարիտ մարդկային կյանքով ապրելու հիմք չի լինի։ Ճիշտ է, ես էլ գիտեմ, առանց սպանության պատերազմ չի լինի, սպանել անհրաժեշտ է, բայց թե վատ է, էլի, վատ է, որ մարդն սպանում է, և ես կարծում եմ, որ երբ պատերազմը շահենք֊վերջացնենք, մի ապաշխարություն պիտի լինի, որպեսզի մաքրվենք սրբվենք։

Անսելմոն շատ բարի մարդ էր, և երբ մի քիչ երկար էր մենակ մնում, իսկ նա կյանքի մեծ մասը մենակ էր, նրա միտքն սկսում էր պտտվել սպանության խնդրի շուրջը։

Զարմանում եմ Inglesi վրա, մտածեց նա։ Ասում էր դա իր համար մի հաշիվ է, բայց զգայուն, ազնիվ մարդ է թվում։ Չեմ հասկանում։ Ի՞նչ ասեմ, գուցե ջահելների համար դա նշանակություն չունի։ Գուցե այլազգիները կամ այլադավանները ուրի՞շ վերաբերմունք ունեն այդ խնդրին։ Բայց ինչ էլ լինի, ես կարծում եմ, որ ով սպանում է, շուտ թե ուշ վայրենանում է, սպանելը մեծ մեղք է, թեկուզ անհրաժեշտ լինի, մենք պատերազմից հետո պետք է մի բան անենք, պետք է թողություն ստանանք։

Արդեն մութ֊մութ էր, Անսելմոն նայեց ճանապարհի մյուս կողմում վառվող լույսին ու թևերը խփեց կողերին, որպեսզի տաքանա։ Չէ, մտածեց նա, արդեն պետք է գնալ ճամբար, անպայման։ Բայց ինչ֊որ բան նրան պահում էր։ Ձյունն ավելի էր սաստկացել։ Այ, եթե այս գիշեր պայթեցնեինք կամուրջը, մտածեց Անսելմոն։ Այսպիսի գիշերով դատարկ բան էր պայթեցնելն էլ, պահակակետերը գրավելն էլ, ամեն ինչ միանգամից կվերջացնեինք։ Այսպիսի գիշերով ինչ ասես կարող ես անել։

Հետո հենվեց ծառին ու սկսեց կամաց֊կամաց ոտքերը դոփել, կամրջի մասին այլևս չէր մտածում։ Միշտ, երբ մութն ընկնում էր, նա իրեն մենակ էր զգում, այս իրիկուն էլ, ահա, այնպես մենակ է զգում իրեն, դատարկության այնպիսի մի զգացում է ներսում և այնպես է քամում, կարծես սոված լինի։ Առաջ մենության պահերը աղոթքով էր լցնում, որսից տուն էր դառնում, ծնկի էր գալիս ու աղոթում, բազում, բազում անգամ ասում էր միևնույն աղոթքն ու թեթևանում։ Բայց այն օրվանից, ինչ սկսվել էր պատերազմը, ոչ մի անգամ չէր աղոթել։ Զգում էր, որ աղոթքի կարիք ունի, բայց չէր աղոթում, մտածում էր, որ անազնվություն, կեղծավորություն կլինի շնորհ, թողություն աղերսելը, ի՞նչ իրավունքով պետք է ինքը մյուս մարդկանցից տարբերվի։

Այո, մտածեց նա, մենակ եմ։ Մենակ։ Բայց մենակ են նաև բոլոր զինվորները, զինվորների կանայք և բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց ծնողներին, հարազատներին։ Կինս մեռավ մինչև պատերազմն սկսվելը, երևի բարին դա էր։ Նա այս ամենը չէր հասկանա։ Զավակ չունեմ և երբեք այլևս չեմ ունենա։ Ցերեկները մենակություն զգում եմ այն ժամանակ, երբ անգործ եմ մնում, իսկական մենակությունն սկսվում է մթան հետ։ Բայց ես ունեմ մի բան, որը ոչ ոք չի կարող խլել ինձնից, ոչ իսկ աստված, այն է, որ լավ աշխատել եմ Հանրապետության համար։ Տքնել եմ, չեմ նայել դժվար է, թե ոչ, արել եմ, որպեսզի մարդիկ հետագայում լավ ապրեն։ Ես ինձ բոլորովին չեմ խնայել, պատերազմի առաջին օրից արել եմ, ինչ կարող էի, ամաչելու տեղ չունեմ։

Միայն մի բան է ինձ տանջում՝ սպանությունը։ Բայց երևի պատերազմից հետո հնարավոր կլինի թողություն ստանալ, մի բան պետք է մտածեն, թե չէ այս մեղքը այնքան մարդկանց վրա է ծանրացել, թեթևացման մի միջոց պիտի գտնեն։ Առանց դրան չի լինի։ Այս մասին արժեր Ingles֊ի հետ խոսել, բայց կարող է չհասկանալ, երիտասարդ է։ Երեկ ինքը խոսք բացեց սպանության մասին, թե՞ ես էի։ Չեմ հիշում։ Նա պիտի որ շատ սպանած լինի, բայց բոլոր նշաններից երևում է, որ դա նրան դուր չի գալիս։ Այդ բանը հաճույքով անողները միշտ էլ նողկալի են։

Չէ, սպանությունը շատ մեծ մեղք է, մտածեց նա։ Այդ մեկն անելու իրավունք չունենք, թեկուզ անհրաժեշտ լինի, ես այդպես գիտեմ։ Բայց արի տես, որ Իսպանիայում այնպիսի հեշտությամբ են սպանում, և հաճախ առանց որևիցե անհրաժեշտության, այնքան հապճեպ, անարդար դատաստաններ են անում, որ հետագայում ոչ մի ձևով չես կարողանա ուղղել։ Չեմ ուզում այլևս այդ մասին մտածել, ո՞նց անեմ, որ չմտածեմ։ Պետք է ապաշխարել, պետք է հենց հիմիկվանից ապաշխարել, այդ սպանությունն ինձ հանգիստ չի տալիս, տանջվում եմ, երբ մենակ եմ լինում։ Մնացած բաների համար թողության կարելի է արժանանալ՝ բարի գործեր կանես, կապրես առաքինի կյանքով։ Բայց սպանությունը շատ մեծ մեղք է, մի բան պետք է մտածեն, որպեսզի մարդ այդ մեղքի համար էլ թողություն ստանա։ Ասենք պատերազմից հետո հավաքեն սպանություն կատարածներին ու տանեն որոշ ժամանակ աշխատեցնեն պետության համար, կամ էլ մի ուրիշ բան մտածեն, որպեսզի մարդ կարողանա այդ մեղքը թոթափել իր վրայից։ Գուցե փող տանք, ոնց որ պատերազմից առաջ եկեղեցուն էինք տալիս, մտածեց նա ու ժպտաց։ Եկեղեցին մեղքի հարցը լավ էր լուծել։ Այդ միտքը նրան զվարճացրեց, և նա ժպտում էր մթության մեջ, երբ մոտեցավ Ռոբերտ Ջորդանը։ Նա այնքան լուռ ու հանգիստ էր մոտեցել, որ ծերունին նրան տեսավ, երբ արդեն կանգնած էր կողքին։

― Hola, viejo,[55] ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը և խփեց ծերունու ուսին։ ― Ո՞նց ես, ծերուկ։

― Շատ ցուրտ է, ― ասաց Անսլեմոն։ Ֆերնանդոն կանգնել էր մի փոքր այն կողմ՝ թիկունքն արած քամուն։

― Գնացինք, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ճամբարում կտաքանաս։ Հանցագործություն էր քեզ այսքան երկար այստեղ պահելը։

― Դա նրանց պատուհանի լույսն է, ― ասաց Անսելմոն։

― Ժամապահը որտե՞ղ է։

― Ճանապարհի ոլորանի վրա։ Այստեղից չի երևում։

― Լավ, գրողն իրենց հետ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ճամբարում կպատմես։ Գնացինք։

― Սպասիր, ցույց տամ, ― ասաց Անսելմոն։

― Առավոտյան գալու եմ այդ բոլորը ուսումնասիրելու, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Վերցրո՛ւ, մի կում խմիր։

Տափաշիշը մեկնեց ծերունուն։ Անսելմոն գլուխը ետ գցեց ու խմեց։

― Ա՛յ, ― ասաց ու սրբեց բերանը։ ― Կրակ է։

― Դե արի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը մթության մեջ։ ― Գնացինք։

Խավարն այնպես էր թանձրացել, որ միայն թափվող ձյան փաթիլներն էին երևում ու սոճիների բները։ Մի փոքր վերևում Ֆերնանդոն կանգնած իրենց էր սպասում։ Այս ինչքա՜ն է հնդկացու նման, նայի՛ր, ոնց որ ծխախոտի խանութներում դրված խրտվիլակ լինի, ասաց Ռոբերտ Ջորդանն ինքն իրեն։ Արի սրան էլ մի կում տուր թող խմի։

― Հե՛յ, Ֆերնանդո, ― ասաց, երբ մոտեցան նրան։ ― Մի կում։

― Ո՛չ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Շնորհակալ եմ։

Ես եմ շնորհակալ, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Ինչ լավ է, որ հնդկացու խրտվիլակները չեն խմում։ Արդեն շատ քիչ է մնացել։ Բայց դու այն ասա՝ ո՜նց ուրախացար, որ տեսար ծերուկին։ Նա նայեց Անսելմոյին, թփթփացրեց թիկունքին ու բարձրացան զառիթափով։

― Viejo, գիտե՞ս, որ քեզ տեսնելիս ուրախանում եմ, ― ասաց Անսելմոյին։ ― Ինչքան ուզում է մռայլված լինեմ, հենց որ քեզ տեսնում եմ, սիրտս բացվում է։ Գնանք, գնանք տեղ հասնենք։

Ձյուների միջով նրանք գնում էին սարալանջն ի վեր։

― Ետ դեպի Պաբլոյի պալատը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին։ ― Հիանալի է հնչում իսպաներեն։

― El palacio del Miedo, ― ասաց Անսելմոն։ ― Վախի պալատը։

― La cueva de los huevos perdidos, ― ուրախ շարունակեց Ռոբերտ Ջորդանը։ ― Կորած ձվերի քարայրը։

― Ի՞նչ ձվեր, ― հարցրեց Ֆերնանդոն։

― Կատակում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կատակում եմ։ Քո իմացած ձվերի մասին չէ, այն՝ մյուսների։

― Բայց ինչո՞ւ են կորել, ― հարցրեց Ֆերնանդոն։

― Չգիտեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Երկար պատմություն է։ Հարցրու Պիլարին, ― հետո թևը գցեց Անսելմոյի ուսով, պինդ գրկեց ու թափ տալով քայլեց նրա հետ։ ― Լսի՛ր, ― ասաց։ ― Գիտե՞ս թե ոնց եմ ուրախացել քեզ տեսնելով։ Ախր դու չգիտես, թե ինչ է նշանակում այս երկրում մարդուն թողածդ տեղը գտնելը։

Սա ցույց էր տալիս, թե ինչքան հարազատ ու վստահելի էր համարում ծերունուն, որ թույլ էր տալիս իրեն նույնիսկ երկրի դեմ խոսքեր ասելու։

― Ես էլ եմ ուրախ, որ տեսնում եմ քեզ, ― ասաց Անսելմոն։ ― Բայց արդեն պատրաստվում էի թողնել֊գնալու։

― Կգնայիր, բա, չէի՞ր գնա, ― երջանիկ ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կսառեիր, բայց տեղիցդ չէիր շարժվի։

― Վերևում ո՞նց էր, ― հարցրեց Անսելմոն։

―Հիանալի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ամեն ինչ հիանալի է։

Նա անչափ երջանիկ էր, նա ամբողջովին համակված էր երջանկության այն անսպասելի ու հազվադեպ զգացումով, որն ունենում են երբեմն հեղափոխական բանակի հրամանատարները։ Այդպիսի երջանկությամբ համակվում են, երբ թևերից գոնե մեկը դիմադրում է։ Իսկ եթե պատահի, որ երկու թևն էլ դիմադրեն, դա արդեն չգիտեմ, թե ինչ կլինի, մտածեց նա։ Դա այնպիսի մի երջանկություն կլինի, որին հնարավոր չէ դիմանալ։ Եվ եթե փորձես խորանալ, հասկանալ, թե ի՞նչ է ի վերջո թևը, ապա կհանգես այն միակ եզրակացության, որ դա մի մարդ է։ Այո՛, մի մարդ։ Թեև այսպիսի աքսիոմն իրեն բոլորովին ձեռնտու չէր։ Բայց այդ մարդուն արդեն կարող ես վստահել։ Մեկ վստահելի մարդ։ Դու կլինես իմ ձախ թևը, երբ մարտն սկսվի, մտածեց նա։ Բայց այդ մասին ես դեռ քեզ ոչինչ չեմ ասի։ Դա շատ փոքր, ահավոր փոքր մարտ կլինի, մտածեց նա։ Բայց կլինի ահավոր լավ մարտ։ Այո, ես միշը երազել եմ ինքս մի մարտ վարել, բոլորովին ինքնուրույն։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Ազինկուրից մինչև օրս տեղի ունեցած բոլոր մարտերն էլ սխալ են վարել։ Ես այս մեկը կվարեմ այնպես, ինչպես պետք է։ Սա կլինի փոքր, բայց շատ ընտիր մարտ։ Եթե ինձ հաջողվի այս մարտն այնպես վարել, ինչպես մտածել եմ, անպայման շատ ընտիր մարտ է լինելու։

― Լսի՛ր, ― ասաց Անսելմոյին, ― ես շատ սարսափելի ուրախ եմ, որ նորից տեսնում եմ քեզ։

― Ես նույնպես, որ նորից տեսնում եմ քեզ, ― ասաց ծերունին։

Հիմա նրանք բարձրանում էին սարալանջով, քամին ու ձյունը խփում էին նրանց թիկունքին, և Անելմոն այլևս մենակ չէր զգում իրեն։ Նա մենակ չէր այն պահից, երբ Ingles֊ը խփեց ուսին։ Ingles֊ը ուրախ էր, երջանիկ, և իրենք կատակում էին։ Ingles֊ն ասաց, որ ամեն ինչ լավ է, և երևում է, որ նա անհանգստացած չէ։ Ստամոքսը տաքացավ խմիչքից հետո։ Հիմա որ քայլում են, ոտքերն էլ են տաքացել։

― Մեքենա շատ չանցավ, ― ասաց Ingles֊ին։

― Լավ, ― ասաց Ingles֊ը։ ― Տեղ հասնենք՝ ցույց կտաս։

Անսելմոն երանության մեջ էր, ուրախությանը չափ չկար, ինչ լավ էր արել, որ մնացել էր դիտակետում, մտածում էր նա։

Եթե վերադարձած լիներ ճամբար, չէիր կարող մեղադրել։ Շատ բանական կլիներ, շատ ճիշտ, հանգամանքներն այդ էին թելադրում։ Բայց տես, մնացել է, որովհետև ասել էի՝ մնա։ Սա հազվադեպ բան է Իսպանիայում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Այսպիսի ձյունահողմին անշարժ մնալ դիտակետում, այո, մեծ, շատ մեծ բան է։ Գերմանացիներն իզուր չէ, որ հողմն ու հարձակումը նույն բառով են արտահայտում Sturm: Բայց սրանց մեջ, երևի, էլի կգտնվեն, էլի մի երկուսը, որոնք նույնպես կմնային, չէին թողնի֊գնա։ Կգտնվեն, անպայման կգտնվեն։ Հետաքրքի՛ր է՝ Ֆերնանդոն կմնա՞ր։ Շատ հնարավոր է։ Ի վերջո ինքն էր չէ՞, որ հենց քիչ առաջ առաջարկեց ուղեկցել ինձ։ Ուրեմն ենթադրում ես, որ կմնա՞ր։ Լավ կլիներ, չէ՞։ Բայց երևում է, որ համառ մարդ է։ Արի մի քիչ տնտղենք։ Տեսնես այս րոպեին ինչի մասին է մտածում ծխախոտի խանութի այս հնդկացու խրտվիլակը։

― Ֆերնանդո, այդ ինչի՞ մասին ես մտածում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես շատ հետաքրքրասեր եմ։

― Ընթրիքի մասին էի մտածում։

― Ուտել սիրո՞ւմ ես։

― Այո։ Շատ։

― Պիլարը լա՞վ խոհարար է։

― Միջակ, ― պատասխանեց Ֆերնանդոն։

Երկրորդ Կուլիջն է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Բայց ես ինչ֊որ ներքուստ զգում եմ, որ սա կմնար, չէր թողնի֊գնա։

Նրանք դանդաղ, ձյունը ճեղքելով, բարձրանում էին սարալանջն ի վեր։

Գլուխ տասնվեցերորդ

― Էլ Սորդոն էր եկել, ― ասաց Պիլարը Ռոբերտ Ջորդանին։

Բքից հետո նորից տաք ու ծխոտ քարայրում էին։ Կինը գլխի շարժումով իր մոտ կանչեց Ռոբերտ Ջորդանին։

― Գնաց, որ ձիեր ճարի։

― Լավ։ Որևէ բան չպատվիրե՞ց հաղորդել։

― Միայն այդ՝ գնացել է ձիեր ճարելու։

― Իսկ այստեղ ո՞նց եք։

― No se,[56] ― ասաց կինը։ ― Նայիր դրան, կտեսնես։

Քարայր մտնելիս Ռոբերտ Ջորդանը տեսել էր Պաբլոյին, նա նայել էր իրեն ու քմծիծաղել։ Հիմա էլ, ահա, նստած սեղանի առաջ, ձեռքով է անում։

― Ingles, ― կանչեց Պաբլոն։ ― Շարունակում է տեղալ, Ingles:

Ռոբերտ Ջորդանը գլխով արեց։

― Կոշիկներդ հանիր չորացնեմ, ― ասաց Մարիան։ ― Վերևում կկախեմ, այստեղ, կրակը չի հասնի։

― Տե՛ս, չվառես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չեմ ուզում բոբիկ մնալ։ Սա ի՞նչ բան է, ― դարձավ Պիլարին։ ― Միտի՞նգ է։ Ինչո՞ւ պահակներն իրենց տեղերում չեն։

― Այս բքի՞ն։

Վեց տղամարդ, պատին թիկնած, նստել էին սեղանի դիմաց։ Անսելմոն ու Ֆերնանդոն բաճկոնների ու շալվարների վրայի ձյունն էին թափ տալիս ու ոտքերը խփում քարայրի մուտքի պատին։

― Տո՛ւր բաճկոնդ, ― ասաց Մարիան։ ― Մի՛ թողնի, որ ձյունը հալվի։

Ռոբերտ Ջորդանը բաճկոնն հանեց, թափ տվեց շալվարի ձյունն ու սկսեց կոշիկների կապերը քանդել։

― Ամբողջ հատակը թրջեցիր, ― ասաց Պիլարը։

― Ինքդ կանչեցիր ինձ ներս։

― Բայց քեզ ոչ ոք չի արգելում, որ վերադառնաս դռան մոտ թափ տաս ձյունը։

― Ների՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ բոբիկ կանգնած հողե հատակին։ ― Մարիա՛, ինձ մի զույգ գուլպա տուր։

― Այր և տեր, ― ասաց Պիլարը ու մի փայտ դրեց կրակին։

― Hay que aprovechar el tiempo, ― պատասխանեց նրան Ռոբերտ Ջորդանը։ ― Պետք է օգտվել ժամանակի ընձեռած հնարավորությունից։

― Կողպած է, ― ասաց Մարիան։

― Բռնի՛ր, ― ասաց ու գցեց բանալին։

― Չի բացում։

― Մյուս ուսապարկինն է։ Հենց վերևն էլ դրված են, կողքը։

Աղջիկը գտավ գուլպաները, փակեց ուսապարկը, կողպեց և բանալին ու գուլպաները բերեց տվեց Ռոբերտ Ջորդանին։

― Հագի՛ր, ոտքերդ էլ լավ շփիր, ― ասաց աղջիկը։ Ռոբերտ Ջորդանը ժպտաց նրան։

― Իսկ չե՞ս կարող մազերովդ չորացնել ոտքերս, ― ասաց այնպես, որ Պիլարը լսի։

― Ա՛յ քեզ խոզ, ― ասաց Պիլարը։ ― Քանի կար տեր իշխան էր, հիմա էլ ուզում է մեր նախկին տեր աստվածը դառնալ։ Վերցրու փետն ու տուր դրան, Մարիա՛։

― Չէ՛, չէ՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանն աղջկան։ ― Կատակում եմ։ Կատակում եմ, որովհետև գոհ եմ, ուրախ։

― Դու գո՞հ ես և ուրա՞խ։

― Այո, ― ասաց նա։ ― Կարծում եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում, ինչպես որ պետք է։

― Ռոբերտո՛, ― ասաց Մարիան։ ― Գնա նստիր, ոտքերդ չորացրու, իսկ ես մի բան կբերեմ, որ խմես֊տաքանաս։

― Տես է, ո՞նց կլինի, աշխարհում էլ ոչ մեկի ոտքերը չեն թրջվել, ― ասաց Պիլարը։ ― Ոչ մի անգամ ձյուն չի եկել։

Մարիան ոչխարի մի մորթի բերեց ու գցեց հատակին։

― Դի՛ր ոտքերդ, ― ասաց աղջիկը, ― մինչև որ կոշիկներդ չորանան։

Անմշակ մորթի էր, դեռ նոր էր չորացել, Ռոբերտ Ջորդանը կիսագուլպաներով կանգնեց մորթու վրա, որը մագաղաթի նման խշխշաց ոտքերի տակ։

Օջախն սկսեց ծուխ անել։

― Բորոբոքի՛ր կրակը, անպետք աղջիկ, ― գոռաց Պիլարը Մարիայի վրա։ ― Դարձրիր ծխատուն։

― Ի՛նքդ բորբոքիր, ― ասաց Մարիան։ ― Ես Էլ Սորդոյի թողած շիշն եմ փնտրում։ Որտե՞ղ է։

― Ուսապարկերի ետևում, ― ասաց Պիլարը։ ― Ծծկեր է խնամում։

― Չէ, ― ասաց Մարիան։ ― Ծծկեր չէ, տղամարդ է, տուն է եկել՝ մրսած, թրջված։ Ահա՛, գտա, ― ասաց ու բերեց շիշը դրեց Ռոբերտ Ջորդանի առջև։ ― Կեսօրվա շիշն է։ Այս շշից կարելի է գեղեցիկ լապտեր սարքել։ Երբ որ նորից էլեկտրականություն ունենանք, ինչպիսի՜ լապտեր կարող ենք սարքել սրանից։ ― Նա հիացած նայեց տափակ շշին։ ― Ռոբերտո, ո՞նց ես խմում սա։

― Այդ ո՞նց է, որ Ingles չես ասում, ― ասաց Ռոբերտ Ջորդանն աղջկան։

― Ուրիշների մոտ Ռոբերտո եմ ասում, ― ցածրաձայն ասաց աղջիկը։ ― Ո՞նց ես խմելու, Ռոբերտո։

― Ռոբերտո, ― ասաց Պաբլոն խզված ձայնով ու գլխով արեց Ռոբերտ Ջորդանի կողմը։ ― Ո՞նց ես խմելու, դոն Ռոբերտո։

― Ուզո՞ւմ ես, քեզ էլ տամ, ― հարցրեց նրան Ռոբերտ Ջորդանը։

Պաբլոն գլուխը թափ տվեց։

― Ես գինի եմ խմում, ― ասաց նա արժանապատվությամբ։

― Խմի՛ր, Բաքոսն ընդ քեզ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն իսպաներեն։

― Բաքոսն ո՞վ է, ― հարցրեց Պաբլոն։

― Քո ընկերներից է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Առաջին անգամ եմ լսում, ― ծանր֊ծանր ասաց Պաբլոն։ ― Այս սարերում այդպիսի մարդ չկա։

― Անսելմոյին լցրու, ա՛յ, նա է մրսել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և սկսեց հագնել չոր կիսագուլպաները։ Ջրախառն վիսկին մի ջինջ ու մեղմ ջերմությամբ էր պատել բերանը։ Բայց սա ներսդ տակնուվրա չի անում, ոնց որ աբսենթը, մտածեց նա։ Աբսենթն ուրիշ է, ուրիշ։

Մտքովդ կանցնե՞ր, որ այստեղ վիսկի կխմես, մտածեց նա։ Երևի ամբողջ Իսպանիայում ոչ մի տեղ հնարավոր չլինի վիսկի ճարել, բացի Լա Գրանխայից։ Ա՛յ քեզ Սորդո։ Պատկերացնո՞ւմ ես, գնում դինամիտավորի համար վիսկի է ճարում, հյուրասիրում, հետո էլ մնացածը բերում֊թողնում է այստեղ։ Չէ, սա սովորական քաղաքավարական ձևականություն չէ։ Ձևականությունն այն կլիներ, որ շիշը բացեր ու հյուրի հետ մի֊մի բաժակ խմեին։ Ֆրանսիացին այդպես կվարվեր։ Հետո էլ մնացած վիսկին կպահեր մի այլ առիթի։ Իսկ Սորդոյի արարքում ոչ մի հաշվենկատություն չկա, նա մտածել է, որ դա հաճելի է հյուրին, ուրեմն պետք է նաև մնացածը բերել ու թողնել նրան, և այն էլ, երբ ինքն այնքան հոգսեր ունի, որ քեզ չհիշելը ավելի քան բնական կլիներ։ Միայն իսպանացին կարող էր այդպես վարվել։ Որոշ իսպանացիներ, մտածեց նա։ Կարող են հիշել քեզ ու վիսկի բերել, ևս մի պատճառ, որպեսզի սիրես այս մարդկանց։ Լավ, շատ էլ մի ռոմանտիկացրու դրանց, մտածեց նա։ Իսպանացիների մեջ էլ ինչ տեսակ մարդ ասես կա, ոնց որ ամերիկացիների։ Բայց այս վիսկի բերելը հոյակապ բան էր։

― Ո՞նց է, դուր եկա՞վ, ― հարցրեց Անսելմոյին։ Անսելմոն, որը նստել էր օջախի կողքին՝ բաժակն առած խոշոր ձեռքերի մեջ, գլուխը թափ տվեց։ ― Չէ՞։

― Երեխան ջուր էր ավելացրել վրան, ― ասաց Անսելմոն։

― Ճիշտ այնպես, ինչպես Ռոբերտոյին, ― ասաց Մարիան։ ― Ի՞նչ է, դու հատո՞ւկ մարդ ես։

― Չէ, ― ասաց Անսելմոն աղջկան։ ― Ոչ մի հատուկ։ Պարզապես ինձ դուր է գալիս, երբ ցած գնալիս վառում է։

― Դա տուր ինձ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը աղջկան։ ― Նրան այդ վառողից լցրու։

Նա Անսելմոյի բաժակը դատարկեց իրենի մեջ և դատարկ բաժակը երկարեց աղջկան, սա սկսեց զգուշությամբ վիսկի լցնել։

― Է՛հ, ― ասաց Անսելմոն, վերցրեց բաժակը, գլուխը ետ գցեց ու մի թափով խմեց։ Հետո նայեց աղջկան, որը շիշը ձեռքին կանգնել էր կողքին, աչքով արեց։ Աչքերը թաց էին։ ― Ա՛յ, ― ասաց ու լիզեց շրթունքները։ ― Ա՛յ սա ուրիշ բան է։ Սրանով արդեն կարող ես սպանել քեզ կրծող որդը։

― Ռոբերտո՛, ― ասաց Մարիան ու շիշը ձեռքին մոտեցավ նրան։ ― Հացը դնե՞մ։

― Պատրա՞ստ է։

― Պատրաստ է, կարող եմ դնել, երբ որ ցանկանաս։

― Մյուսները կերե՞լ են։

― Բոլորը, բացի քեզնից, Անսելմոյից ու Ֆերնանդոյից։

― Դե դիր, ― ասաց նա։ ― Իսկ դո՞ւ։

― Ես հետո, Պիլարի հետ։

― Նստիր մեզ հետ։ ― Ո՛չ։ Չի կարելի։

― Մեր երկրում մարդ, կին իրար հետ են հացի նստում։

― Ձեր երկրում այդպես է, մեր երկրում՝ այսպես։ Տղամարդիկ վերջացնում են, հետո կանայք են հացի նստում։

― Նստի՛ր, ― ասաց Պաբլոն սեղանի մյուս ծայրից։ ― Նստի՛ր, կե՛ր, հետը։ Խմի՛ր հետը։ Մեռի՛ր հետը։ Արա՛ իր երկրի կարգով։

― Հարբա՞ծ ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանն ու ելավ կանգնեց Պաբլոյի դիմացը։ Կեղտոտ, մազակալած մռութով մարդը երջանիկ հայացքով նայեց նրան։

― Այո, ― ասաց նա։ ― Իսկ այդ որտե՞ղ է, Ingles, որ կանայք տղամարդկանց հետ սեղան են նստում։

― Estados Unidos֊ում, Մոնտանայի նահանգում։

― Այդտե՞ղ են տղամարդիկ կնկա փեշ հագնում։

― Ո՛չ։ Դա Շոտլանդիայում է։

― Բայց լսի՛ր, Ingles, ― ասաց Պաբլոն։ ― Երբ այդպիսի փեշ եք հագնում․․․

― Ես փեշ չեմ հագնում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Որ փեշ եք հագնում, ― շարունակեց Պաբլոն, ― տակից ի՞նչ եք հագնում։

― Ես չգիտեմ, թե շոտլանդացիներն ի՞նչ են հագնում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինձ համար էլ շատ հետաքրքիր է։

― Ես Escoces֊ների մասին չեմ, ― ասաց Պաբլոն։ ― Ո՞ւմ են պետք այդ Escoces-ներդ։ Մեկի անունը, որ այդքան տարօրինակ լինի, էլ ո՞ւմ է պետք։ Ինձ որ պետք չէ։ Բոլորովին։ Ես ձեր մասին եմ, ես ասում եմ դուք, Ingles, դուք ի՞նչ եք հագնում փեշի տակից։

― Ես քեզ արդեն երկու անգամ ասացի, որ մենք փեշ չենք հագնում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ո՛չ հարբած ժամանակ, ո՛չ էլ հանաքի համար։

― Բայց փեշի տակից, ― շարունակեց Պաբլոն։ ― Դե դա հայտնի բան է, որ դուք փեշ եք հագնում։ Նույնիսկ զինվորներն են հագնում։ Պրայս կրկեսում կախված էին լուսանկարները։ Տեսել եմ։ Փեշի տակից, Ingles: Փեշի տակից դուք ի՞նչ եք հագնում։

― Los cojones,[57] ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Անսելմոն ծիծաղեց, ծիծաղեցին բոլորը, բացի Ֆերնանդոյից։ Կանանց ներկայությամբ նման գռեհիկ արտահայտությունը նրա համար վիրավորական էր։

― Դե դա բնական է, ― ասաց Պաբլոն։ ― Բայց ինձ թվում է, որ եթե մի բանի նման cojones լինեին, փեշ չէիք հագնի։

― Էլ այնպես մի՛ արա, Ingles, որ դա նորից սկսի, ― ասաց տափակ դեմքով ու ջարդված քթով մարդը, որին Պրիմիտիվո էին կոչում։ ― Հարբած է։ Արի մեզ պատմիր, թե ի՞նչ եք պահում, ի՞նչ եք աճեցնում ձեր երկրում։

― Տավար, ոչխար, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ ցորեն ենք աճեցնում, լոբի։ Շաքարի ճակնդեղ՝ ինչքան ասես։

Ռոբերտ Ջորդանը, Անսելմոն ու Ֆերնանդոն ընթրում էին, մյուսները մոտեցել էին նրանց, միայն Պաբլոն էր մնացել սեղանի մյուս ծայրին իր գինու թասի հետ։ Այսօր էլ, ինչպես երեկ, շոգեխաշած միս էր, և Ռոբերտ Ջորդանն ուտում էր ագահորեն։

― Լեռներ կա՞ն ձեր երկրում։ Անունից երևում է, որ պիտի լինեն, ― ասաց Պրիմիտիվոն փորձելով քաղաքավարի հունի մեջ դնել խոսակցությունը։ Նա նեղվում էր հարբածի գռեհկություններից։

― Լեռներ շատ կան և շատ էլ բարձր։

― Իսկ արոտավայրե՞ր։

― Սքանչելի։ Ամառը նախիրը քշում են բարձրադիր արոտավայրերը, անտառների մեջ, դրանք պետությանն են պատկանում, աշնանն իջեցնում են հովիտները։

― Հողը ո՞ւմ է պատկանում, գյուղացո՞ւն։

― Հողի մեծ մասը պատկանում է նրանց, ովքեր մշակում են։ Առաջ ամբողջ հողը պատկանել է պետությանը, բայց հետո բաժանել են, ով որտեղից ուզել է, տվել են, մինչև հարյուր հիսուն հեկտար։

― Դա ի՞նչ ձևով է արվել, պատմի՛ր, հա՞, ― ասաց Ագուստինը։ ― Հողային այդ ռեֆորմը կարծես լավ է։

Ռոբերտ Ջորդանն սկսեց բացատրել հոմ֊սթեդի էությունը։ Նրա մտքով երբեք չէր անցել, որ դա կարելի է հողային ռեֆորմ համարել։

― Հրաշալի է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ասա կոմունիզմ է, էլի, ձեր երկրում։

― Ո՛չ։ Հանրապետություն է։

― Ես կարծում եմ, ― ասաց Ագուստինը, ― որ եթե հանրապետություն լինի, ամեն ինչ կարելի է անել։ Ուրիշ կարգերի կարիք չկա։

― Խոշոր կալվածատերեր չունե՞ք, ― հարցրեց Անդրեսը։

― Շա՜տ։

― Ուրեմն անարդարություններ կլինեն։

― Անպայման։ Շատ անարդարություններ կան։

― Բայց չե՞ք փորձում վերացնել։

― Փորձում ենք, ամեն ջանք գործադրում։ Բայց միևնույն է, դեռևս շատ֊շատ են անարդարությունները։

― Բայց հնարավոր չէ՞ այդ մեծ կալվածները կտրատել, բաժանել։

― Հնարավոր է։ Բայց շատերն այն կարծիքին են, որ դրանք հարկերի ծանրությանը չեն դիմանա և ինքնաբերաբար կմասնատվեն։

― Ինչպե՞ս։

Ռոբերտ Ջորդանը մի կողմից ամանն էր սրբում հացով, մյուս կողմից բացատրում, թե ինչպիսի եկամտային ու ժառանգության հարկեր գոյություն ունեն, և թե ինչքան դժվար է դրանց տակից դուրս գալը։

― Բայց խոշոր կալվածները, միևնույն է, շարունակում են իրենց գոյությունը, չնայած որ կան նաև հողային հարկեր։

― Բայց խոշոր կալվածատերերն ու հարուստները կապստամբեն, որպեսզի ազատվեն այդ հարկերից։ Ես կարծում եմ, որ այդ հարկերը կարող են հեղաշրջման պատճառ դառնալ։ Նրանք կապստամբեն պետության դեմ, երբ տեսնեն, որ էլ ուրիշ ճար չունեն, ոնց որ այստեղ ֆաշիստներն արեցին, ― ասաց Պրիմիտիվոն։

― Հնարավոր է։

― Այն ժամանակ դուք էլ պիտի կռվեք, ոնց որ հիմա մենք։

― Այո, մենք էլ պիտի կռվենք։

― Իսկ ձեր երկրում ֆաշիստները շա՞տ են։

― Շատերը չգիտեն, որ իրենք ֆաշիստ են, բայց երբ ժամանակը գա, կիմանան։

― Բայց չե՞ք կարող դրանց ոչնչացնել, քանի չի սկսվել խռովությունը։

― Ո՛չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Չենք կարող ոչնչացնել։ Բայց կարող ենք դաստիարակել մարդկանց այնպես, որ նրանք վախենան ֆաշիզմից, ճանաչեն այն, երբ հանդես գա և հակահարված տան։

― Գիտե՞ս որտեղ է, որ ոչ մի ֆաշիստ չկա, ― հարցրեց Անդրեսը։

― Որտե՞ղ։

― Պաբլոյի քաղաքում, ― ասաց Անդրեսն ու քմծիծաղեց։

― Գիտե՞ս ինչ են արել այնտեղ, ― հարցրեց Պրիմիտիվոն Ռոբերտ Ջորդանին։

― Այո։ Լսել եմ այդ պատմությունը։

― Պիլարի՞ց։

― Այո։

― Դու լրիվ չես լսել, ― ասաց Պաբլոն, դժվարությամբ արտասանելով բառերը։ ― Կինը չտեսավ վերջին մասը, նա նայում էր պատուհանից, բայց աթոռը շրջվեց և նա ընկավ։

― Վերջին մասն էլ դու պատմիր, ― ասաց Պիլարը։ ― Պատմի՛ր, քանի որ ես չգիտեմ։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ Ես դա երբեք չեմ պատմել։

― Այո, չես պատմել, ― ասաց Պիլարը։ ― Եվ չես պատմի։ Եվ հիմա շատ ես ուզում, որ եղած չլիներ։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ ― Ճիշտ չես։ Եթե ֆաշիստներին բոլորն էլ այնպես սպանեին, ինչպես ես, այս պատերազմը հիմա չէր լինի։ Բայց ես չէի ուզի, որ այնպես լիներ, ինչպես եղավ։

― Այդ ինչո՞ւ ես ասում, ― հարցրեց Պրիմիտիվոն։ ― Չլինի՞ շուռ ես գալիս։

― Ո՛չ։ Բայց դա սարսափելի բարբարոսություն էր, ― ասաց Պաբլոն։ ― Այն ժամանակ ես ահավոր բարբարոս էի։

― Իսկ հիմա հարբած ես, ― ասաց Պիլարը։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Քո թույլտվությամբ։

― Ավելի լավ էր բարբարոս մնայիր, ― ասաց կինը։ ― Հարբեցողներից ավելի գարշելի բան չկա։ Գողը երբ գողություն չի անում, այնպիսին է, ոնց որ բոլորը։ Խաբեբան իր տանը խաբեություն չի անում։ Մարդասպանը գալիս է տուն, ձեռքերը լվանում։ Իսկ հարբեցողը գարշահոտություն է արձակում, պառկած տեղի մեջ փսխում, թոքերն այրում է սպիրտով։

― Դու կին ես, դու չես հասկանա, ― անվրդով ասաց Պաբլոն։ ― Ես գինով եմ, և ես հիմա երջանիկ կլինեի, եթե սպանած չլինեի նրանց։ Որ հիշում եմ, սիրտս պայթում է ցավից։ ― Նա տխուր թափ տվեց գլուխը։

― Դրան մի քիչ Սորդայի բերածից տվեք, ― ասաց Պիլարը։ ― Մի բան տվեք աշխուժանա, թե չէ անտանելի է դառնում նրա տխրությունը։

― Եթե կարողանայի վերստին կյանք տալ նրանց, կտայի, ― ասաց Պաբլոն։

― Գնա՛, կեղտոտի մեկը, ― ասաց Ագուստինը։ ― Ո՞ւր ես այդպես խոսում։

― Ես նրանց բոլորին վերստին կյանք կտայի, ― տխուր ասաց Պաբլոն։ ― Բոլորին։

― Քո մերը, ― գոռաց Ագուստինը։ ― Վերջ տուր կամ դուրս գնա։ Ախր այդ սպանածներդ ֆաշիստներ էին։

― Լսեցիր, չէ՞, ինչ ասացի, ― ասաց Պաբլոն։ ― Ես նրանց բոլորին հարություն կտայի։

― Հետո էլ կքայլեր ջրերի վրայով, ― ասաց Պիլարը։ ― Ես այսպիսի մարդ չեմ տեսել։ Դեռ մինչև երեկ տղամարդկության ինչ֊որ նշաններ ցույց էր տալիս։ Այսօր արդեն լրիվ անզոր կատվի ձագ է։ Եվ դեռ ուրախ էլ է, որ այդքան գարշելի է։

― Մենք պետք է կամ բոլորին սպանեինք, կամ էլ ոչ մեկին, ― ասաց Պաբլոն գլուխը տարուբերելով։ ― Բոլորին կամ ոչ մեկին։

― Լսի՛ր, Ingles, ― ասաց Ագուստինը։ ― Պատմի՛ր, ոնց եղավ, որ Իսպանիա եկար։ Դու Պաբլոյին ուշադրություն մի՛ դարձրու։ Հարբած է։

― Առաջին անգամ եկա տասներկու տարի առաջ։ Եկա, որպեսզի ծանոթանամ երկրին, լեզուն սովորեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Համալսարանում ես իսպաներեն եմ դասավանդում։

― Բոլորովին պրոֆեսորի նման չես, ― ասաց Պրիմիտիվոն։

― Մորուք չունի, ― ասաց Պաբլոն։ ― Նայի՛ր, մորուք չունի։

― Բայց իսկապե՞ս պրոֆեսոր ես։

― Դասատու։

― Դասավանդո՞ւմ ես։

― Այո։

― Ինչո՞ւ իսպաներեն, ― հարցրեց Անդրեսը։ ― Անգլերեն դասավանդելը ավելի հեշտ կլիներ, չէ՞, որ դու անգլիացի ես։

― Նա խոսում է, ոնց որ մենք, ― ասաց Անսելմոն, ― էլ ինչո՞ւ պիտի իսպաներեն չդասավանդի։

― Այո, բայց, այնուամենայնիվ, մի տեսակ հանդգնություն է օտարականի համար իսպաներեն դասավանդելը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես քեզ չեմ ուզում վիրավորած լինել, դոն Ռոբերտո։

― Սուտ պրոֆեսոր է, ― ասաց ինքն իրենից գոհ Պաբլոն։ ― Մորուք չունի։

― Անգլերեն դու, անշուշտ, ավելի լավ գիտես, ― ասաց Ֆերնանդոն։ ― Արդյո՞ք ավելի հեշտ ու պարզ չէր լինի, եթե անգլերեն դասավանդեիր։

― Նա իսպանացիներին չի դասավանդում, ― միջամտեց Պիլարը։

― Հուսով եմ, որ ոչ, ― ասաց Ֆերնանդոն։

― Թող վերջացնեմ խոսքս, ջորի, ― ասաց Պիլարը։ ― Նա իսպաներեն դասավանդում է ամերիկացիներին։ Հյուսիսային ամերիկացիներին։

― Նրանք իսպաներեն չգիտե՞ն, ― հարցրեց Ֆերնանդոն։ ― Հարավային ամերիկացիները խոսում են։։

― Ջորի՛, ― ասաց Պիլարը։ ― Նա իսպաներեն դասավանդում է հյուսիսային ամերիկացիներին, որոնք խոսում են անգլերեն։

― Այդուամենայնիվ ինձ թվում է, որ իր համար ավելի հեշտ է անգլերեն դասավանդելը, քանի որ այդ լեզվով է ինքը խոսում, ― ասաց Ֆերնանդոն։

― Չե՞ս լսում ոնց է իսպաներեն խոսում, ― հուսահատությունից գլուխը թափ տալով ասաց Պիլարը։

― Լսում եմ։ Բայց առոգանությամբ է խոսում։

― Ո՞ր տեղի, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Էսթրեմադուրայի, ― ծանր֊ծանր ասաց Ֆերնանդոն։

― Ա՜խ, մայր իմ, ― ասաց Պիլարը։ ― Այս ի՞նչ մարդ է։

― Հնարավոր է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես այնտեղ էի մինչև այստեղ գալս։

― Նա գիտեր, շատ լավ գիտեր այդ բանը, ― ասաց Պիլարը։ ― Լսի՛ր, պառաված օրիորդ, ― դիմեց Ֆերնանդոյին, ― դու կշտացա՞ր։

― Եթե մնացել է, կուտեմ, ― ասաց Ֆերնանդոն Պիլարին։ ― Դոն Ռոբերտո, դու չմտածես, սակայն, որ քո դեմ ինչ֊որ բան ունեմ․․․

― Քո կաթը, ― ասաց Ագուստինը։ ― Ես քո կաթը։ Լսի՛ր, հեղափոխությունը դրա՞ համար արեցինք, որպեսզի ընկերոջը դոն Ռոբերտո ասենք։

― Իմ կարծիքով հեղափոխություն արեցինք, որպեսզի բոլորը բոլորին դոն ասեն, ― ասաց Ֆերնանդոն։ ― Հանրապետության օրոք այդպես պետք է լինի։

― Քո կաթը, ― ասաց Ագուստինը։ ― Ես քո կաթը։

― Այդուհանդերձ ես մնում եմ իմ կարծիքին՝ դոն Ռոբերտոյի համար ավելի հեշտ ու ավելի պարզ կլիներ անգլերեն դասավանդելը։

― Դոն Ռոբերտոն մորուք չունի, ― ասաց Պաբլոն։ ― Սուտ պրոֆեսոր է։

― Ի՞նչ ես ուզում մորուք չունի ասելով, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բա սա ի՞նչ է, ― ու դեմ արեց երեք օրվա մազակալած այտերն ու ծնոտը։

― Դա մորուք չէ, ― ասաց Պաբլոն ու թափ տվեց գլուխը։ ― Դա մորուք չէ։ ― Հիմա նա արդեն զվարթացել էր։ ― Սուտ պրոֆեսոր է։

― Ես ձեր բոլորի կաթը, ― ասաց Ագուստինը։ ― Մաքուր գժանոց է։

― Խմի՛ր, ― ասաց Պաբլոն։ ― Տես ես ոնց եմ, ինձ ոչ մի բան տարօրինակ չի թվում, բացի դոն Ռոբերտոյի մորուք չունենալուց։

Մարիան ձեռքը տարավ Ռոբերտ Ջորդանի այտին։

― Մորուք ունի, ― ասաց նա Պաբլոյին։

― Դու կիմանաս, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը նայեց նրան։

Չեմ կարծում, որ այնքան էլ հարբած է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Չէ, այնքան էլ հարբած չէ։ Աչքս վրան պետք է պահեմ։

― Լսի՛ր, դո՛ւ, ― ասաց Պաբլոյին, ― ի՞նչ ես կարծում, այս ձյունը դեռ երկա՞ր է գալու։

― Դու ի՞նչ ես կարծում։

― Ես քեզ եմ հարցնում։

― Ուրիշին հարցրու, ― ասաց Պաբլոն։ ― Ես քեզ համար հետախուզական ծառայություն չեմ։ Դու հետախուզական ծառայությունից թուղթ ունեիր, չէ՞։ Կնկան հարցրու։ Նա է հրամանատարը։

― Ես քեզ եմ հարցնում։

― Գնա՛, ես քո, ― ասաց Պաբլոն։ ― Քո էլ, կնկա էլ, աղջկա էլ։

― Հարբած է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Դու ուշադրություն մի՛ դարձրու։

― Չեմ կարծում, այնքան էլ հարբած չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Մարիան կանգնած էր ետևը, և Ռոբերտ Ջորդանը տեսավ, թե ինչպես է Պաբլոն իր ուսերի վրայով նայում աղջկան։ Մազակալած կլոր դեմքի ակնախորշերից վարազի փոքր աչքերը սևեռել էր աղջկա վրա։ Շատ մարդասպաններ եմ տեսել այս պատերազմի ընթացքում, տեսել եմ և պատերազմից առաջ, բայց նրանցից ոչ մեկը նման չի եղել մյուսին։ Չկա այնպիսի մի գիծ, մի հատկանիշ, որ բնորոշ լինի բոլորին, չկա հանցագործի ընդհանրական տիպ։ Բայց Պաբլոն անպայման ստոր երևույթ է։

― Դու խմել չես կարող, ես չեմ հավատում, ― ասաց նա Պաբլոյին։ ― Ոչ էլ հարբած ես։

― Հարբած եմ, ― ասաց Պաբլոն արժանապատվությամբ։ ― Խմելը դատարկ բան է։ Կարևորը հարբելն է։ Estoy muy borracho:[58]

― Կասկածում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Թուլամորթ ես, դա որ հաստատ է։

Քարայրում հանկարծ այնպիսի լռություն տիրեց, որ Ռոբերտ Ջորդանը լսեց օջախում վառվող փայտերի ճարճատյունը։ Լսեց իր ոտքերի տակ գցած ոչխարի մորթու խշխշոցը։ Նրան թվաց, որ ուր որ է ականջին կհասնի տեղացող ձյան ձայնը։ Բայց չհասավ, նա լսեց դրսի լռությունը։

Սպանեմ ու պրծնեմ, մտածում էր Ռոբերտ Ջորդանը։ Չգիտեմ, թե ինչ է ուզում անել, բայց սրանից լավ բան պետք չէ սպասել։ Վաղը չէ մյուս օրը կամուրջը պիտի պայթեցվի, իսկ այս ստորը վտանգավոր է գործի հաջողության համար։ Արի վերջը տուր։

Պաբլոն քմծիծաղելով նայեց նրան, մատը տարավ կոկորդի լայնքով ու տարուբերեց գլուխը, որը հազիվ էր շարժվում հաստ ու կարճ վզի վրա։

― Չէ, Ingles, ― ասաց նա։ ― Ես այդ խայծին գնացողը չեմ։ ― Հետո դարձավ Պիլարին ու ասաց․ ― Դա ինձանից պրծնելու հաջող ձև չէ։

― Sinverguenza,[59] ― ասաց Ռոբերտ Ջորդանը, արդեն գործի անցնելու վճռականությամբ։ ― Cobarde:[60]

― Շատ հնարավոր է, ― ասաց Պաբլոն։ ― Բայց միևնույն է, խայծիդ գնացողը չեմ։ Խմի՛ր, Ingles, մի բան խմիր և այդ կնկան հասկացրու, որ բան դուրս չեկավ։

― Փակի՛ր ռեխդ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես եմ ուզում, ես, ես եմ ուզում գրգռել քեզ։

― Իզուր մի՛ տանջվիր, ― ասաց Պաբլոն։ ― Բան դուրս չի գա։

― Դու bicho raro[61] ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ չուզելով առիթը երկրորդ անգամ ևս բաց թողնել։ Եվ երբ խոսում էր, այնպիսի մի զգացողություն ունեցավ, իբր այս ամենը տեղի ունեցել է արդեն մի անգամ, որ ինքը խաղում է մի հատված վաղուց հիշողություն դարձած ինչ֊որ կարդացած երկից կամ տեսած երազից։

― Շատ ստոր եմ, ― ասաց Պաբլոն։ ― Շատ ստոր և ահավոր հարբած։ Քո կենացը, Ingles: Նա բաժակը սուզեց գինու թասի մեջ ու բարձրացրեց․ ― Salud y cojones:

Ստոր է, այո՛, ահավոր ստոր, մտածեց Ռոբերտ Ջորդանը, և նենգ է, ու շատ էլ բարդ։ Վառվող փայտերի ճարճատյունն այլևս չէր լսում, այնքան որ ծանր էր շնչում։

― Քո՛ կենացը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը՝ նույնպես բաժակը սուզելով գինու թասի մեջ։ Առանց կենացի էլ ի՞նչ դավաճանություն, մտածեց նա։ Կենաց բարձրացրու։ ― Salud, ― ասաց։ ― Salud, դարձյալ salud: Ես քո salud֊ը ասաց մտքում։ Ես քո salud֊ը։

― Դոն Ռոբերտո, ― դժվարությամբ արտասանելով ասաց Պաբլոն։

― Դոն Պաբլո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դու պրոֆեսոր չես, ― ասաց Պաբլոն, ― որովհետև մորուք չունես։ Եվ հետո, որպեսզի ինձանից պրծնես, պետք է ինձ սպանես, իսկ այդ բանն անելու համար դու cojones չունես։

Նա նայում էր Ռոբերտ Ջորդանին։ Բերանը փակ էր, միայն մի նեղ գիծ էր երևում շրթների արանքում։ Իսկական ձկան բերան, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Բա գլուխն ինչքան է նման այն խոզուկաձկներին, որոնք երբ բռնվում են, սկսում են օդ կուլ տալ և ուռչել։

― Salud, Պաբլո՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և բարձրացրեց բաժակն ու խմեց։ ― Շատ բան եմ սովորում քեզանից։

― Պրոֆեսորին սովորեցնում եմ, ― ասաց Պաբլոն, գլուխը թափ տալով։ ― Ես ու դու, դոն Ռոբերտո, բարեկամներ կդառնանք։

― Մենք արդեն բարեկամներ ենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Մենք արդեն լավ բարեկամներ ենք։

― Բայց հիմա լավ բարեկամներ կդառնանք։

― Ես գնամ այստեղից, ― ասաց Ագուստինը։ ― Ասում են մարդն ամբողջ կյանքում մի տոննա է ճաշակում սրանից, բայց այս մի րոպեի ընթացքում ամեն մի ականջիս մեջ արդեն քսանհինգ ֆունտ լցվեց։

― Քեզ ի՞նչ եղավ, negro, ― ասաց Պաբլոն։ ― Ի՞նչ է, դուր չի՞ գալիս, որ դոն Ռոբերտոն ու ես բարեկամացանք։

― Չփորձես ինձ negro[62] անվանել, ― ասաց Ագուստինն ու գնաց կանգնեց Պաբլոյի դիմաց։

― Բոլորն էլ այդպես են քեզ անվանում։

― Բայց դու չփորձես։

― Լավ, կասեմ blanco[63]․․․

― Ոչ էլ այդպես։

― Դե որ այդպես է, ի՞նչ կա։ Կարմի՞ր։

― Այո, Կարմիր։ Rojo: Բանակայինի կարմիր աստղ եմ կրում ու կռվում եմ հանուն Հանրապետության։ Իսկ անունս Ագուստին է։

― Այս ի՜նչ հայրենասեր մարդ է, ― ասաց Պաբլոն։ ― Նայի՛ր, Ingles, տե՛ս, թե ինչպիսի օրինակելի հայրենասեր է։

Ագուստինը ձախ ձեռքի երեսով ուժեղ հարվածեց Պաբլոյի բերանին։ Պաբլոն տեղից չշարժվեց։ Բերանի անկյունները գինոտ էին, դեմքի արտահայտությունը չէր փոխվել, բայց Ռոբերտ Ջորդանը նկատեց, որ աչքերը փոքրացան և բիբերը վառ լույսի մեջ կանգնած կատվի բիբերի նման ուղղահայաց գծիկներ դարձան։

― Սա էլ չի անցնի, ― ասաց Պաբլոն։ ― Սրա վրա էլ հույս չդնես, կի՛ն, ― դարձավ Պիլարին։ ― Ես խայծի գնացողը չեմ։

Ագուստինը նորից հարվածեց։ Այս անգամ բռունցքով։ Ռոբերտ Ջորդանը ձեռքը տարավ սեղանի տակ՝ ատրճանակին։ Ապահովիչը հանեց և ձախ ձեռքով Մարիային հեռանալու նշան արեց։ Աղջիկը մյուս կողմը կանգնեց։ Ռոբերտ Ջորդանն այս անգամ արդեն ձեռքով հրեց։ Աչքի ծայրով տեսավ, թե ինչպես աղջիկը հեռացավ ու գնաց օջախի մոտ։ Ռոբերտ Ջորդանը հայացքն հիմա հառել էր Պաբլոյի դեմքին։

Կլոր գլխով մարդը նստել ու աղոտ մանր աչքերը ուղղել էր Ագուստինին։ Բիբերն ավելի էին նեղացել, նա լեզուն տարավ շրթների վրայով, ձեռքի երեսով սրբեց բերանը, տեսավ, որ ձեռքն արյունոտվեց։ Լեզուն նորից տարավ շրթունքների վրայով ու թքեց։

― Սա էլ չի անցնի, ― ասաց նա։ ― Ես հիմար չեմ։ Ես խայծի չեմ գնա։

― Cabron, ― ասաց Ագուստինը։

― Բա ո՞նց, ― ասաց Պաբլոն։ ― Բա ո՞նց, դու գիտես կնիկն ինչ է ուզում։

Ագուստինը նորից մի ուժեղ հարված հասցրեց Պաբլոյի բերանին, իսկ նա ծիծաղեց ու նայեց Ագուստինին՝ ցույց տալով դեղին, փտած, ջարդված ատամներն ու արյունոտված բերանը։

― Վերջ տուր, ― ասաց Պաբլոն և ձեռքը տարավ գինու թասին, որպեսզի բաժակը լցնի։ ― Այստեղ cojones ունեցող մարդ չկա, որ ինձ սպանի, իսկ ձեռքեր թափ տալը հիմարություն է։

― Cobarde, ― ասաց Ագուստինը։

― Խոսքերից էլ բան դուրս չի գա, ― ասաց Պաբլոն ու կլկլացնելով սկսեց գինով ողողել բերանը։ Հետո թքեց հատակին։ ― Ինձ համար հայհոյանքը եղած թե չեղած։

Ագուստինը կանգնել էր նրա գլխին, նայում էր ներքև ու հայհոյում, հայհոյում էր դանդաղ, հատ֊հատ, չարախնդալով, արհամարհանքով, հայհոյում էր կանոնավոր, համաչափ, կարծես սայլակից գոմախբ էր վերցնում եղանով ու շերտ֊շերտ փռում արտում։

― Ոչ էլ դրանից բան դուրս կգա, ― ասաց Պաբլոն։ ― Վերջ տուր, Ագուստին։ Ու էլ մի՛ խփիր։ Ձեռքերդ կցավացնես։

Ագուստինը շրջվեց ու գնաց դեպի դուռը։

― Դուրս մի՛ գնա, ― ասաց Պաբլոն։ ― Ձյուն է դրսում։ Այստեղ մի հարմար տեղ արա քեզ համար ու հանգստացիր։

― Դո՛ւ։ Դո՛ւ, ― դռան մոտ շրջվեց ու ասաց Ագուստինը, այդ «Tu»֊ի մեջ դնելով իր ողջ արհամարհանքը, նողկանքը։

― Այո՛, ես, ― ասաց Պաբլոն։ ― Ես կապրեմ, իսկ դու մեռած կլինես։ ― Հետո բաժակը լցրեց ու բարձրացրեց։ ― Պրոֆեսորի կենացը, ― ասաց։ Հետո շրջվեց Պիլարի կողմը․ ― Սինյորա հրամանատարի կենացը։ ― Այնուհետև խոսքն ուղղեց մնացածներին․ ― բոլոր դյուրահավատների կենացը։

Ագուստինը մոտեցավ նրան ու ձեռքի կողքի արագ մի հարվածով դեն գցեց բաժակը։

― Դա արդեն ավելորդ էր, ― ասաց Պաբլոն։ ― Հիմարություն։

Ագուստինը կեղտոտ մի հայհոյանք տվեց։

― Այո, ― ասաց Պաբլոն, մի ուրիշ բաժակ լցնելով։ ― Ես հարբած եմ, ոնց որ տեսնում ես, երբ հարբած չեմ լինում, ես չեմ խոսում։ Երբևէ լսե՞լ ես իմ շատախոսությունը։ Բայց խելացի մարդը ստիպված է երբեմն հարբելու, որպեսզի կարողանա հիմարների հետ զրուցել։

― Կորի՛֊գնա՛, կեղտոտ թուլամորթ, ― ասաց Պիլարը։ ― Ես քեզ շատ լավ եմ ճանաչում, ոնց որ հինգ մատներս, վախկո՛տ։

― Դե որ կնիկն էլ խոսեց, ես գնամ, գնամ ձիերիս նայեմ, ― ասաց Պաբլոն։

― Գնա՛, խառնակվի՛ր հետները, ― ասաց Ագուստինը։ ― Այ դա՛ է քո գործը։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն ու թափ տվեց գլուխը։ Նա ձեռքը տարել էր պատից կախված թիկնոցին ու նայում էր Ագուստինին։ ― Դո՛ւ, ― ասաց նա, ― դու միայն զազրախոսես։

― Ի՞նչ ես անելու ձիերին, ― հարցրեց Ագուստինը։

― Նայելու եմ, ― ասաց Պաբլոն։

― Պղծելու ես, ― ասաց Ագուստինը։ ― Անասնամոլ։

― Ես նրանց շատ֊շատ եմ սիրում, ― ասաց Պաբլոն։ ― Նրանք շատ ավելի գեղեցիկ են, քան այստեղ հավաքվածներդ, և շատ ավելի խելացի, նույնիսկ ետևի կողմից։ Դե ուրախացե՛ք, ― ասաց ու քմծիծաղեց։ ― Կամրջից պատմիր դրանց, Ingles: Ասա, թե ով ինչ է անելու հարձակման ժամանակ։ Բացատրիր, թե ոնց եք նահանջելու։ Ո՞ւր ես տանելու նրանց կամրջից հետո, Ingles: Ո՞ւր ես տանելու քո հայրենասերներին։ Ես այս ամբողջ օրը խմել եմ ու այդ մասին եմ մտածել։

― Եվ ի՞նչ ես մտածել, ― հարցրեց Ագուստինը։

― Ինչ եմ մտածե՞լ, ― ասաց Պաբլոն և շրթների տակ պտտեցրեց լեզուն։ ― Que te importa,[64] թե ինչ եմ մտածել։

― Ասա՛, ի՞նչ, ― ասաց Ագուստինը։

― Շատ բան, ― ասաց Պաբլոն։ Նա թիկնոցը գցեց ուսերին։ Թիկնոցի դեղին ու կեղտակալած ծալքերի վրա ցցված գլխի կլորությունը հիմա ավելի էր աչքի զարնում։ ― Շատ բան եմ մտածել։

― Ի՞նչ, ― ասաց Ագուստինը։ ― Ի՞նչ։

― Մտածել եմ, որ դուք դյուրահավատ մարդկանց մի փոքրիկ խումբ եք, ― ասաց Պաբլոն։ ― Որ ձեր առաջնորդը մի կին է, որի ուղեղը ազդրերի արանքում է, և դուք հավատում եք մի օտարականի, որը ձեզ կործանման է տանում։

― Դուրս կորի՛ր, ― գոռաց Պիլարը։ ― Դո՛ւրս այստեղից, գնա տնկվիր ձյան մեջ, բավական է ինչքան կեղտոտեցիր օդը։ Դո՛ւրս, անասնամոլ ― maricon.

― Լավ ասաց, ― հիացած բացականչեց Ագուստինը, բայց նրա մտքերն ուրիշ տեղ էին։ Նա մտահոգ էր։

― Գնում եմ, ― ասաց Պաբլոն։ ― Բայց շուտ կվերադառնամ։ ― Նա բարձրացրեց քարայրի մուտքի ծածկոցն ու դռան միջից գոռաց․ ― Ձյունը դեռ գալիս է, Ingles:

Գլուխ տասնյոթերորդ

Կամարի բացվածքից կրակի վրա ընկնող ձյան թշշոցն էր հիմա միայն լսվում քարայրում։

― Պիլա՛ր, ― ասաց Ֆերնանդոն։ ― Միս մնացե՞լ է։

― Դե բավական է, դու էլ, ― ասաց Պիլարը։ Բայց Մարիան վերցրեց Ֆերնանդոյի ամանը, մոտեցավ օջախի կողքին դրված կաթսային, մսապուր լցրեց, բերեց դրեց սեղանին ու սկսեց շոյել Ֆերնանդոյի ուսը։ Մի պահ այդպես աղջիկը կանգնած մնաց կողքին։ Բայց Ֆերնանդոն նրան չէր նայում։ Նա իր մսապուրով էր զբաղված։

Ագուստինը կանգնել էր օջախի մոտ։ Մյուսները նստած էին։ Պիլարն եկավ նստեց Ռոբերտ Ջորդանի դիմաց։

― Հիմա իմացա՞ր, Ingles, ― ասաց նա, ― թե ինչ մարդ է։

― Ի՞նչ կարող է անել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ինչ ասես, ― ասաց կինը՝ հայացքն իջեցնելով սեղանին։ ― Ինչ ասես։ Ամեն ինչի ընդունակ է։

― Գնդացիրը որտե՞ղ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Այստեղ է, անկյունում, թիկնոցով փաթաթված դրված է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ուզո՞ւմ ես բերեմ։

― Հետո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ուզեցի տեղն իմանալ։

― Այստեղ է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ես ներս եմ բերել ու իմ թիկնոցով էլ փաթաթել եմ, որպեսզի չոր մնա։ Սկավառակները պարկի մեջ են։

― Նա դրան ձեռք չի տա, ― ասաց Պիլարը։ ― Maquina֊յին ձեռք չի տա։

― Կարծեմ դու ասացիր, որ ինչ ասես կարող է անել։

― Եթե maquina֊յից գլուխ հաներ, կարող էր, ― ասաց կինը։ ― Նռնակ կարող է շրպրտել։ Այդ մեկը ավելի է նրան բռնում։

― Հիմարություն էր, անզորություն, որ չսպանեցինք, ― ասաց գնչուն։ Երեկոյան այդ խոսակցությանը նա չէր մասնակցել։ ― Դեռ երեկ գիշեր պետք է Ռոբերտոն նրան սպանած լիներ։

― Սպանի՛ր, ― ասաց Պիլարը։ Նրա լայն դեմքը մռայլ ու հոգնած տեսք ուներ։ ― Հիմա արդեն կողմ եմ։

― Ես դեմ էի, ― ասաց Ագուստինը։ Նա կանգնել էր կրակի դիմաց, ձեռքերը կախ, կրակի ցոլքի տակ թվում էր, թե մազակալած այտերը փոս են ընկել։ ― Հիմա կողմ եմ, ― ասաց նա։ ― Նա հիմա տեղով մեկ թույն է։ Նա մեր մահն է ուզում։

― Թող բոլորն էլ իրենց խոսքն ասեն, ― ասաց Պիլարը հոգնած ձայնով։ ― Ասա՛, Անդրես։

― Matarlo,[65] ― ասաց եղբայրներից մեկը, որի սև մազերը սուր անկյունով իջել էին ճակատին։

― Էլադիո՛։

― Նույնպես, ― ասաց մյուս եղբայրը։ ― Ես կարծում եմ, որ նա շատ վտանգավոր է։ Եվ ոչ մի բանի պիտանի չէ։

― Պրիմիտիվո՛։

― Նույնպես։

― Ֆերնանդո՛։

― Իսկ չե՞նք կարող բանտարկել, ― հարցրեց Ֆերնանդոն։

― Ասենք բանտարկեցինք, ո՞վ է հսկելու, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Երկու հոգի էլ հսկելով պիտի զբաղվեն։ Իսկ հետագայում ի՞նչ ենք անելու։

― Կարող ենք վաճառել ֆաշիստներին, ― ասաց գնչուն։

― Այդ էր պակաս, ― ասաց Ագուստինը։ ― Այդ ստորությունն էր պակաս։

― Առաջարկություն է, ― ասաց գնչու Ռաֆայելը։ ― Ինձ թվում է, որ ֆաշիստները ուրախությամբ կգնեն։

― Ասացի վերջ տուր, ― ասաց Ագուստինը։ ― Դա ստոր բան է։

― Պաբլոյից էլ հո ստոր չէ, ― արդարացավ գնչուն։

― Ստորությունը ստորությամբ չի արդարացվում, ― ասաց Ագուստինը։ ― Դե լավ, բոլորն էլ արդեն ասացին իրենց խոսքը։ Մնացին ծերուկն ու Ingles֊ը։

― Նրանք սրա հետ գործ չունեն, ― ասաց Պիլարը։ ― Նա նրանց առաջնորդը չի եղել։

― Մի րոպե, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես դեռ չեմ վերջացրել։

― Խոսի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Այնքան խոսիր, մինչև վերադառնա։ Մինչև դռան ծածկոցը բարձրացնի ու նռնակը շպրտի, եղած֊չեղածը պայթեցնի։ Դինամիտն էլ, ամեն ինչ էլ։

― Կարծում եմ, չափազանցում ես, Պիլա՛ր, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես չեմ կարծում, որ նա նման մտադրություն ունենա։

― Ես էլ չեմ կարծում, ― ասաց Ագուստինը։ ― Որովհետև եթե պայթեցնի, գինին էլ է կորչելու, իսկ նա հիմա ուր որ է կգա, որ խմի։

― Իսկ չի՞ լինի, որ տանք Էլ Սորդոյին, նա թող վաճառի ֆաշիստներին, ― առաջարկեց Ռաֆայելը։ ― Բայց նախ աչքերը հանենք, թե չէ դժվար կլինի նրա հետ գլուխ հանել։

― Ձենդ կտրի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Քո դեմ էլ եմ նույն բանն զգում, երբ սկսում ես խոսել։

― Ֆաշիստները նրա համար ոչ մի բան էլ չեն վճարի, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Քեզնից առաջ էլ են փորձել, ոչ մի բան էլ չեն ստացել։ Դեռ կարող են գնդակահարել էլ քեզ։

― Եթե աչքերը հանենք, կարելի է վաճառել, մի բան կտան, համոզված եմ, ― ասաց Ռաֆայելը։

― Դե ձենդ կտրի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Մեկ էլ որ այդ մասին խոսել ես, գնալու ես մոտը։

― Բայց հիշո՞ւմ ես ոնց ինքը վիրավոր guardia civil֊ի աչքերը հանեց, ― շարունակեց գնչուն։ ― Մոռացե՞լ ես։

― Դե փակի՛ր բերանդ, ― ասաց Պիլարը։ Ռոբերտ Ջորդանի ներկայությամբ բացված այս աչքեր հանելու խոսակցությունը նրան շփոթության էր մատնել։

― Ես իմ խոսքը չեմ վերջացրել, ― ընդհատեց նրանց Ֆերնանդոն։

― Վերջացրո՛ւ, ― ասաց Պիլարը։ ― Խոսի՛ր։ Վերջացրո՛ւ։

― Քանի որ գործնականորեն հնարավոր չէ Պաբլոյին բանտարկված պահել և քանի որ ստոր բան է ֆաշիստների․․․

― Վերջացրո՛ւ, ― ասաց Պիլարը։ ― Վերջացրո՛ւ, ի սեր աստծու։

― ․․․ հետ որևիցե բանակցություն վարելը, ― անվրդով շարունակեց Ֆերնանդոն, ― ես համաձայն եմ, որ լավագույն լուծումը երևի այն կլինի, որ նա վերացվի հանուն ծրագրված գործողությունների հաջողության հնարավորության առավելագույն ապահովման։

Պիլարը նայեց այդ փոքրամարմին մարդուն, գլուխը թափ տվեց, շրթունքները կծեց և ոչ մի խոսք չասաց։

― Այս է իմ կարծիքը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես կարծում եմ, որ մենք կարող ենք արդարանալ, քանի որ նրա գոյությունը վտանգավոր է Հանրապետության․․․

― Ով սուրբ աստվածածին, ― ասաց Պիլարը։ ― Նույնիսկ այսպիսի ժամանակ մարդը կարողանում է բյուրոկրատություն անել։

― Նկատի ունենալով հենց քիչ առաջվա նրա խոսքերն ու արարքները, ― շարունակեց Ֆերնանդոն։ ― Ու թեև պատերազմի առաջին օրերից մինչև վերջին ժամանակների իր գործունեության համար նա արժանի է երախտագիտության․․․

Պիլարը վեր կացավ, գնաց օջախի մոտ ու մի լիքը աման ձեռքին վերադարձավ։

― Ֆերնանդո, ― ասաց հանգիստ ամանը դնելով սեղանին։ ― Ընդունի՛ր, խնդրեմ, ամենայն հանդիսավորությամբ այս միսը, լցրո՛ւ բերանդ ու լռի՛ր։ Խելագարեցրիր դու քո կարծիքով։

― Բայց ո՞նց ենք, ― հարցրեց Պրիմիտիվոն և կանգ առավ առանց նախադասությունն ավարտելու։

― Estoy listo, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես պատրաստ եմ ի կատար ածելու։ Քանի որ հանգել եք այդ վճռին, ես կարող եմ առաջարկել իմ ծառայությունը։

Այս ի՞նչ էր, մտածեց նա։ Լսեցի, լսեցի ու ինքս էլ սկսեցի Ֆերնանդոյի նման խոսել։ Վարակիչ բան է երևում խոսքը։ Ֆրանսերենը դիվանագետների լեզու է։ Իսպաներենը՝ բյուրոկրատների։

― Ո՛չ, ― ասաց Մարիան։ ― Ո՛չ։

― Դա քո գործը չէ, ― ասաց Պիլարը աղջկան։ ― Ձենդ կտրի՛ր։

― Հենց այս գիշեր էլ կանեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Նա նկատեց, որ Պիլարը մատը տարել էր շրթներին ու նայում է իրեն։ Կինը աչքերով ցույց էր տալիս դռան կողմը։

Քարայրի մուտքի դիմաց կախված տապճակը բարձրացավ, և երևաց Պաբլոյի գլուխը։ Նա ժպտաց բոլորին, հետո ներս եկավ, շրջվեց, ուղղեց տապճակը, հանեց թիկնոցն ու սկսեց ձյունը թափ տալ։

― Իմ մասի՞ն էիք խոսում, ― դիմեց բոլորին։ ― Խանգարեցի՞։

Ոչ մեկը չպատասխանեց, նա թիկնոցը կախեց պատին մեխված կեռից ու գնաց դեպի սեղանը։

― Que tal? ― հարցրեց ու սեղանի վրայից վերցրեց իր դատարկ բաժակը և սուզեց գինու թասի մեջ։ ― Վերացել է, ― ասաց Մարիան։ ― Տար լցրու տկից։

Մարիան վերցրեց թասն ու գնաց դեպի պատից գլխիվայր կախված երկարավուն, խոշոր, սև, ձյութապատ տիկը, քաշեց խցանը, և գինին սկսեց լցվել թասի մեջ։ Պաբլոն նայում էր ծնկաչոք աղջկան, նայում էր արագ պտույտներով թասի մեջ լցվող վառ կարմիր գինուն։

― Զգույշ, ― ասաց աղջկան։ ― Չթափվի, քիչ է մնացել, հասել է թիակներին։

Բոլորը լուռ էին։

― Պորտից մինչև թիակները այսօր եմ խմել, ― ասաց Պաբլոն։ ― Մի օրում։ Ձեզ ի՞նչ է եղել։ Կորցրե՞լ եք լեզուներդ։

Դարձյալ բոլորը լուռ էին։

― Լավ փակիր, Մարի՛ա, ― ասաց Պաբլոն։ ― Չծորա։

― Շուտով այնքան գինի լինի, ― ասաց Ագուստինը։ ― Միայն թե ի վիճակի լինես խմելու։

― Ըհը, մեկն արդեն լեզուն գտավ, ― ասաց Պաբլոն ու գլխով արեց Ագուստինին։ ― Շնորհավորում եմ։ Ես էլ մտածում էի, որ պապանձվել եք։

― Ինչի՞ց, ― հարցրեց Ագուստինը։

― Իմ գալուց։

― Դու կարծում ես, որ քո գալը կարևոր նշանակություն ունի՞։

Երևի ճիգ է գործադրում, որպեսզի ինքն իրեն հաղթահարի։ Գուցե Ագուստինն ինքն է ուզում ի կատար ածել վճիռը, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Դե նա շատ է ատում Պաբլոյին։ Ես չեմ ատում, մտածեց նա։ Չէ, չեմ ատում։ Զզվում եմ, սակայն չեմ ատում։ Թեև աչքերը հանելու այդ պատմությունը ստիպում է, որ սկսես այլ կերպ մտածել։ Այնուամենայնիվ, իրենց գործն է, իրենց պատերազմն է։ Թեև այդ երկու օրը սրա ներկայությունը վտանգավոր է։ Բայց լավ է ես հեռու մնամ այս գործից, մտածեց նա։ Այսօր արդեն մի անգամ հիմար վիճակի մեջ ընկել եմ։ Ճիշտ է, ուզում եմ դրան վերացնել, բայց նախնական հիմար զրույցներ ոչ ես կվարեմ, ոչ էլ մյուսներին պետք է թույլ տամ։ Թե չէ ու սկսեն կրակել դինամիտի կողքին։ Ոչ մի նման հիմարություն։ Պաբլոն, հավանաբար, հաշվի առել է դա։ Իսկ դո՞ւ, ասաց ինքն իրեն։ Չես մտածել դրա մասին։ Ոչ էլ Ագուստինն է մտածել։ Դե ձեզ այդպես էլ պետք է։

― Ագուստին, ― ասաց նա։

― ի ՞նչ, ― ասաց Ագուստինը մռայլված և գլուխը շրջեց Պաբլոյից։

― Ուզում եմ խոսել հետդ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Հետո։

― Հիմա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Por favor:[66]

Ռոբերտ Ջորդանը գնաց դեպի քարայրի մուտքը։ Բարձրահասակ ու փոս ընկած այտերով Ագուստինը վեր կացավ ու գնաց նրա ետևից։ Շարժվում էր դժկամությամբ, արհամարհալից տեսքով։ Պաբլոն հայացքով հետևում էր նրան։

― Մոռացե՞լ ես, թե ինչ կա ուսապարկում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը շատ ցածր ձայնով, որպեսզի մյուսներ չլսեն։

― Ես քո, ― ասաց Ագուստինը։ ― Տե՛ս, ընտելացանք՝ մոռացա։

― Ես էլ էի մոռացել։

― Ես քո կաթը, ― ասաց Ագուստինը։ ― Leche! Այ քեզ հիմարանալ։ ― Մեծ֊մեծ քայլերով մոտեցավ սեղանին ու նստեց։ ― Խմենք, Պաբլո՛, խմենք, բարեկամս, ― ասաց։ ― Ձիերը ո՞նց են։

― Շատ լավ, ― ասաց Պաբլոն։ ― Բուքն էլ սկսեց հանդարտվել։

― Ի՞նչ ես կարծում, կդադարի՞։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Ձյունն արդեն մանր հատիկներով է թափվում։ Քամին դեռ կշարունակի փչել, բայց ձյունը կդադարի։ Քամու ուղղությունը փոխվել է հիմա։

― Ի՞նչ ես կարծում, վաղը երկինքը կբացվի՞, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Կբացվի, ― ասաց Պաբլոն։ ― Կարծում եմ ցուրտ կլինի, բայց պայծառ։ Քամին դեռ նորից կփոխի ուղղությունը։

Նայիր, ասաց Ռոբերտ Ջորդանն ինքն իրեն։ Տես ինչ սիրալիր է դարձել։ Քամու նման փոխել է ուղղությունը։ Ոճրագործ է, այն էլ ինչպիսի, դեմքին ես նայում՝ խոզ, իսկ զգայունությո՞ւնը, ամենակատարյալ ծանրաչափին իսկ չի զիջի։ Այո։ Ասենք խոզն էլ խելացի կենդանի է։ Ատում է մեզ Պաբլոն, գուցե սոսկ մեր ծրագրե՞րը, գուցե, և իր այդ ատելությունը դրսևորում է վիրավորանքներ հասցնելով, այնքան, որ արդեն պատրաստվում ես հաշիվը մաքրելու, և այստեղ, ահա, կանգ է առնում և իրեն այնպես պահում, կարծես ոչինչ չի եղել։

― Եղանակը կբացվի, մեր գործն էլ լավ կլինի, Ingles, ― ասաց Պաբլոն Ռոբերտ Ջորդանին։

― Մեր գործը, ― ասաց Պիլարը։ ― Մե՛ր։

― Այո՛, մեր, ― քմծիծաղեց Պաբլոն նայելով նրան ու մի կում գինի խմեց։ ― Այո՛։ Ես դրսում նորից ծանրութեթև արի։ Մենք ինչո՞ւ պետք է համաձայն չլինենք։

― Ի՞նչ բանի, ― հարցրեց կինը։ ― Ի՞նչ։

― Ամեն ինչի, ― ասաց Պաբլոն։ ― Կամրջի պայթեցմանը։ Ես ձեզ հետ եմ հիմա։

― Դու հիմա մեզ հե՞տ ես, ― ասաց Ագուստինը։ ― Քիչ առաջվա խոսքերից հետո՞։

― Այո՛, ― ասաց Պաբլոն։ ― Քամին ուղղությունը փոխեց, և հիմա ես ձեզ հետ եմ։

Ագուստինը տարուբերեց գլուխը։

― Քամին, ― ասաց նա ու նորից տարուբերեց գլուխը։ ― Մեզ հետ ես, ու մոռացա՞ր, որ ես խփեցի մռութիդ։

― Այո, ― քմծիծաղեց Պաբլոն և մատները տարավ շրթունքին։ ― Այո, մոռացա, և ձեզ հետ եմ։

Ռոբերտ Ջորդանը ուշադիր հետևում էր Պիլարին։ Կինը այնպես էր նայում Պաբլոյին, կարծես մի տարաշխարհիկ գազան լիներ դիմացը։ Նրա դեմքից տակավին չէր ջնջվել այն արտահայտությունը, որ հայտնվեց վիրավորի աչքերն հանելու մասին խոսակցությունից հետո։ Նա գլուխը թափ տվեց, կարծես ազատվելու համար այդ հիշողությունից, ու ասաց․

― Լսի՛ր։

― Ասա՛, կի՛ն։

― Ի՞նչ պատահեց քեզ։

― Ոչինչ, ― ասաց Պաբլոն։ ― Կարծիքս փոխեցի։ Ուրիշ ոչինչ։

― Դռան տակ կանգնած ականջ էիր դրել, հա՞, ― հարցրեց կինը։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Բայց ոչինչ չկարողացա լսել։

― Վախեցար, որ կսպանեն քեզ։

― Ոչ, ― ասաց նա և բարձրացած բաժակի վրայով նայեց կնոջը։ ― Ես դրանից չեմ վախենում։ Դու գիտես։

― Լավ, ի՞նչ պատահեց քեզ, ― ասաց Ագուստինը։ ― Դեռ քիչ առաջ հարբած բերանդ բացել էիր ու ինչ ասես ասում էիր, մեր մահն էիր ուզում, ամենակեղտոտ ձևով վիրավորում էիր կանանց, դեմ էիր մեր բռնած գործին․․․

― Հարբած էի, ― ասաց Պաբլոն։

― Իսկ հիմա՞։

― Հիմա հարբած չեմ, ― ասաց Պաբլոն։ ― Եվ փոխել եմ կարծիքս։

― Ով ուզում է, թող հավատա, ես քեզ չեմ հավատում, ― ասաց Ագուստինը։

― Ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ, ― ասաց Պաբլոն։ ― Բայց իմացիր՝ ինձնից բացի ոչ ոք չի կարող ձեզ Գրեգոս հասցնել։

― Գրեգո՞ս։

― Կամրջից հետո միայն Գրեգոսում կարելի է ապահով լինել։

Ռոբերտ Ջորդանը նայեց Պիլարին և ձեռքը տանելով ականջին, այնպես, որ Պաբլոն չնկատի, հարցական թփթփացրեց։

Կինը գլխով արեց։ Հետո մեկ էլ գլխով արեց ու ինչ֊որ բան փսփսաց Մարիայի ականջին․ աղջիկը մոտեցավ Ռոբերտ Ջորդանին։

― Ասում է անպայման լսել է մեր խոսակցությունը, ― ասաց Մարիան Ռոբերտ Ջորդանի ականջին։

― Ուրեմն, Պաբլո, ― ծանր֊ծանր ասաց Ֆերնանդոն, ― դու հիմա մեզ հետ ես և կողմնակից ես կամրջի պայթեցմանը։

― Այո, բարեկամս, ― ասաց Պաբլոն։ Նա նայեց ուղիղ Ֆերնանդոյի աչքերին ու գլխով արեց։

― Ճի՞շր ես ասում, ― հարցրեց Պրիմիտիվոն։

― De veras,[67] ― ասաց Պաբլոն։

― Եվ կարծում ես, որ հաջողությամբ կավարտվի՞, ― հարցրեց Ֆերնանդոն։ ― Դու հիմա դրան հավատո՞ւմ ես։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Իսկ դու չե՞ս հավատում։

― Հավատում եմ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Բայց ես սկզբից ևեթ հավատացել եմ։

― Դուրս գնամ, ― ասաց Ագուստինը։

― Ցուրտ է դրսում, ― ասաց Պաբլոն բարեկամաբար։

― Գուցեև, ― ասաց Ագուստինը։ ― Բայց այլևս չեմ դիմանում այս manicomio֊յում։

― Գժանոց մի՛ անվանիր այս քարայրը, ― ասաց Ֆերնանդոն։

― Manicomio է, ոճրագործների գժանոց, ― ասաց Ագուստինը։ ― Գնամ, քանի դեռ չեմ խելագարվել։

Գլուխ տասնութերորդ

Ուրախ կարուսելի է նման, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Բայց ոչ այն կարուսելին, որ մթնշաղին Ավենյու֊դյու֊Մենի գազի լապտերների կապույտ լույսերի մեջ սրընթաց պտտվում է երգեհոնիկի երաժշտության տակ ոսկեզօծ եղջյուրներով ցլիկների մեջքերին հեծած ու ձողերին ամրացված օղակներից ամուր կառչած երեխաներ վրան։ Ոչ․ այս կարուսելը նման չէ նրան։ Այստեղ ոչ տապակած ձկան կրպակ կա, ոչ համարակալված հատվածների բաժանված բախտի անիվ, որի դիմաց շահումների համար նախատեսված սղոցած շաքարի տոպրակների բրգացած կույտեր են լինում, թեև այս մարդիկ նման են նրանց՝ բախտի անիվի դիմաց գլխարկները գլխներին քաշած տղամարդկանց և սվիտերներն հագին գազի լույսի տակ փայլփլացող մազերով կանգնած կանանց։ Այո, մարդիկ նույնն են։ Բայց անիվն ուրիշ է։ Սա բարձրանում է ու իջնում։

Երկու պտույտ գործեց մինչև այժմ։ Ամեն անգամ մի մեծ պտույտ է գործում և վերադառնում ելման կետը։ Դու էլ հետը բարձրանում ես, իջնում ու նորից կանգ առնում այնտեղ, որտեղից սկսել էիր պտույտդ։ Եվ ոչ էլ շահում կա, մտածեց նա, ո՞ւմ է պետք այսպիսի անիվի վրա պտտվելը։ Բայց և այնպես նստում ես ու պտտվում, և ամեն անգամ էլ ինքդ քեզ հարց ես տալիս, թե ինչպես եղավ, որ նորից նստեցիր։ Ընդամենը մի պտույտ ես գործում, մի մեծ, էլիպսաձև պտույտ՝ բարձրանում ես, իջնում և վերստին այնտեղ ես, որտեղից սկսել էիր պտույտդ։ Հիմա նորից նույն տեղում ենք, և դարձյալ ոչ մի որոշակի բանի չենք հասել։

Քարայրում տաք էր, դրսում էլ քամին դադարել էր։ Ռոբերտ Ջորդանը հիմա նստել էր սեղանի դիմաց, հանել էր ծոցատետրը և մտորում էր կամրջի պայթեցման տարբերակների շուրջ։ Երեք սխեմա գծեց, բանաձևեր գրեց, հետո երկու գծանկար արեց, որոնց վրա մեկ առ մեկ պատկերեց, թե ինչ պետք է արվի կամուրջը պայթեցնելու համար, և դա այնքան պարզ ու հստակ էր, որ մատչելի էր նույնիսկ մանկապարտեզի երեխաներին։ Այդ գծանկարները Անսելմոյի համար էին, եթե պայթեցման ժամանակ իրեն մի բան պատահի, ծերունին կիմանա, թե ինչպես գործն ավարտին հասցնի։ Գծանկարներն արեց֊վերջացրեց և սկսեց ստուգել։

Մարիան նստել էր կողքին և իր ուսի վրայով նայում էր գծանկարներին։ Կլանված իր գործով՝ նա չէր նայում շուրջը, բայց զգում էր սեղանի մյուս ծայրին նստած Պաբլոյի ներկայությունը, լսում էր մյուսներին, որ թուղթ էին խաղում ու զրուցում, առնում էր քարայրում տարածված ածխի, ծխախոտի, կարմիր գինու և քրտինքի հոտը, որն հիմա փոխարինել էր ճաշի դեռ քիչ առաջ տիրող բույրին։ Երբ գծանկարն ավարտին էր արդեն հասնում, Մարիան ձեռքը դրեց սեղանին, Ռոբերտ Ջորդանը ձախ ձեռքով բարձրացրեց այն, մոտեցրեց դեմքին ու շնչեց ջրի ու ամանները լվանալիս ձեռքերին կպած հասարակ օճառի թարմ բույրը։ Հետո, առանց աղջկան նայելու, իջեցրեց ձեռքը և շարունակեց աշխատել ու չնկատեց աղջկա շիկնելը։ Մարիան ձեռքը հպեց նրա ձեռքին, բայց Ռոբերտ Ջորդանն այլևս չբարձրացրեց։

Հիմա, երբ պայթեցման նախագիծն ավարտել էր, ծոցատետրից մի նոր էջ պոկեց ու սկսեց գրել մարտական գործողության հրամանները։ Ուղեղը շատ պայծառ էր և դուր էր գալիս իրեն այն, ինչ գրում էր։ Երկու էջ գրեց, հետո ուշադիր ընթերցեց։

Երևի վերջ։ Լրիվ պարզ է, չեմ կարծում, որ որևէ բան աչքաթող արած լինեմ։ Պետք է ոչնչացվեն երկու պահակակետերը, պիտի պայթեցվի կամուրջը, սա էր Գոլցի հրամանը, սա է իմ պարտականությունը։ Պաբլոյի հետ կապված պատմության հետ ես գործ չունեմ, ի վերջո դա էլ այս կամ այլ կերպ կլուծվի։ Կլինի Պաբլոն, թե չի լինի՝ ինձ չի վերաբերում։ Ես այլևս այդ կարուսելը նստողը չեմ։ Երկու անգամ նստեցի և երկու անգամ էլ եկա նույն այն տեղը, որտեղ նստել էի, բավական է։

Ծոցատետրը փակեց ու նայեց Մարիային։

― Hola, guapa, ― ասաց աղջկան։ ― Գրածներիցս գլուխ հանեցի՞ր։

― Ոչ, Ռոբերտո, ― ասաց աղջիկն ու ձեռքը դրեց տղայի ձեռքին, որով նա մատիտն էր բռնել տակավին։ ― Վերջացրի՞ր։

― Այո։ Ամեն ինչ պատրաստ է, հրամանները գրված են։

― Ի՞նչ էիր անում, Ingles, ― հարցրեց Պաբլոն սեղանի մյուս ծայրից։ Նրա աչքերը նորից էին պղտորվել։

Ռոբերտ Ջորդանը սևեռուն հայացքով նայեց նրան։ Հեռու մնա այդ կարուսելից, ասաց ինքն իրեն։ Չնստես։ Տեսնում եմ այդ անիվը նորից է ուզում սկսել իր շրջապտույտը։

― Կամրջի պայթեցման նախագիծն էի կազմում, ― ասաց քաղաքավարի։

― Հետո՞, ո՞նց է, ― ասաց Պաբլոն։

― Շատ լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ լավ է։

― Իսկ ես նահանջն էի ծրագրում, ― ասաց Պաբլոն, և Ռոբերտ Ջորդանը նայեց նրա խոզի հարբած աչքերին, գինու թասին։ Թասն արդեն դատարկվում էր։

Քեզ հեռու պահի այդ անիվից, ասաց ինքն իրեն։ Նա նորից է սկսել խմել։ Հավատա՛, հաստատ բան եմ ասում։ Հեռու այդ անիվից։ Ասում են Գրնատն էլ պատերազմի ողջ ընթացքում խմում էր։ Երևի ճիշտ են ասում։ Եթե Գրանտը ճանաչած լիներ Պաբլոյին, հաստատ կկատաղեր այս համեմատությունից։ Գրանտը սիգար է ծխել։ Պաբլոն սիգարը բերանին, ա՛յ հետաքրքիր է։ Միայն սիգարն է պակաս, որ այս մռութը կատարյալ դառնա, կիսով չափ ծամված սիգար։ Եթե հնարավոր լիներ մի տեղից ճարել։

― Եվ ինչպե՞ս է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը քաղաքավարի։

― Շատ լավ, ― ասաց Պաբլոն գլխի ծանր ու խոհուն շարժումով։ ― Նահա՞նջն ես ծրագրել, ― հարցրեց Ագուստինը՝ խաղաքարտերը մի կողմ դնելով։

― Այո, ― ասաց Պաբլոն։ ― Տարբեր ծրագրեր ունեմ։

― Որտեղից էլ գտնում ես։ Երևի թասի միջից, ― ասաց Ագուստինը։

― Թերևս, ― ասաց Պաբլոն։ ― Ո՞վ իմանա։ Մարիա՛, թասը լցրու, խնդրում եմ։

― Տիկի մեջ էլ լավ ծրագրեր կլինեն, խցկվի՛ր, այնտեղ էլ փնտրիր, ― ասաց Ագուստինը և շրջվեց ու նորից շարունակեց թղթախաղը։

― Չէ, ― ասաց Պաբլոն անվրդով։ ― Ես թասի մեջ կփնտրեմ։

Սա էլ է հեռու մնում անիվից, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Դատարկ է պտտվելու։ Երևի դժվար է երկար ժամանակ այդ պտույտին դիմանալը։ Երևի վտանգավոր է։ Դե լավ է, որ մեզ հեռու պահեցինք։ Երկու անգամ գլխապտույտ ունեցա, բավական է։ Մարդ կամ հարբած պիտի լինի, կամ էլ իսկապես ստոր ու դաժան, որպեսզի մինչև մեռնելը պտտվի այդ անիվի վրա։ Միշտ նույն շրջապտույտն է՝ վերև, ներքև, գուցե մեկ֊մեկ ավելի թափով, բայց վախճանը նույնն է՝ հասնում ես այնտեղ, որտեղից սկսել էիր պտույտդ։ Թող պտտվի, պտտվի իր համար, մտածեց նա, ես այդ անիվին մոտիկ չեմ գա։

Պիլարը նստել էր օջախի դիմաց, շրջվել էր ու խաղացողներից երկուսի ուսերի վրայով հետևում էր թղթախաղին։

Ահա և փոխվեց ամեն ինչ, մահագուշակ լարվածությունը չքացավ և կյանքը մտավ ընտանեկան բնականոն ընթացքի մեջ։ Ամենից ավելի տարօրինակը սա է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Երբ այդ անիծյալ անիվը գալիս է ցած, քեզանից անկախ մտնում ես խաղի մեջ։ Բայց այլևս ես դրան մոտիկ գնացողը չեմ, մտածեց նա։ Ոչ ոք չի կարող ինձ այդ խաղի մեջ ներքաշել։

Ընդամենը երկու օր առաջ ոչ այս Պիլարին էի ճանաչում, ոչ Պաբլոյին, ոչ էլ մնացածներին, մտածեց նա։ Ինձ համար աշխարհում Մարիա գոյություն չուներ։ Աշխարհն էլ, անշուշտ, շատ ավելի պարզ էր։ Գոլցն ինձ տվել էր հրահանգներ, որոնք շատ հստակ էին, և թվում էր, թե հանձնարարությունը լիովին հնարավոր է իրականացնել, թեև կարող էին որոշ դժվարություններ լինել և անսպասելի հետևանքներ։ Ես մտածում էի, որ կամրջի պայթեցումից հետո կարող եմ մնալ այս կողմերում, կարող եմ և վերադառնալ ու խնդրել, որ մի քանի օրով մեկնեմ Մադրիդ։ Պատերազմի ժամանակ արձակուրդներ չեն տրվում, բայց կարծում եմ, որ կթույլատրեին ինձ երկու֊երեք օր Մադրիդում անցկացնել։

Մտածում էի, որ Մադրիդում մի քանի գիրք կգնեմ, Ֆլորիդա հյուրանոցում մի սենյակ կվերցնեմ, բարապան Լյուիսին կուղարկեմ, որպեսզի մի շիշ աբսենթ ճարի Մանտեկերիաս Լեռնեսասի մոտից կամ Գրան Վիա պողոտայի շրջակայքի խանութներից, մի տաք լոգանք կընդունեմ, կպառկեմ անկողնիս մեջ, մի երկու բաժակ աբսենթ կխմեմ ու կկարդամ, հետո կզանգահարեմ Գեյլորդ ու կիմանամ, թե կարելի՞ է գնալ մի բան ուտել։

Գրան Վիայում չարժի ճաշել, նախ որ ուտելիքները բանի նման չեն, հետո էլ պետք է ժամանակին գնաս, թե չէ ոչինչ մնացած չի լինի։ Բացի այդ, երբ էլ այնտեղ լինես, ծանոթ լրագրողները վխտում են, անընդհատ պիտի զգուշանաս, որպեսզի բերանիցդ մի բան չթռցնես։ Մի քիչ աբսենթ կխմեմ, այնքան, որ զրուցելու տրամադրություն ունենամ, հետո կգնամ Գեյլորդ, որտեղ ուտելիքներն էլ լավ են, գարեջուրն էլ գարեջուր է, կճաշեմ Կարկովի մոտ, ռազմական իրադարձություններից էլ որոշ բաներ կիմանամ։

Առաջին անգամ երբ այցելել էր Գեյլորդ, որտեղ հիմնականում ռուսներ էին, ընդվզել էր, ինչո՞ւ պաշարման վիճակում գտնվող քաղաքում նման շքեղություն և այդքան լավ ուտելիքներ լինեն, բացի այդ, խոսակցություններն էլ շատ ցինիկ էին թվացել, պատերազմական օրերին բոլորովին ոչ վայել։ Բայց շատ հեշտ կաշառվեցի, հանգիստ շուռ եկա, մտածեց նա։ Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է մարդ այսպիսի հանձնարարությունից հետո գոնե մի համեղ ճաշ չուտի։ Խոսակցություններն էլ, որոնք սկզբնական շրջանում ցինիկ տպավորություն էին թողել, հիմա ավելի քան տեղին էին թվում։ Այս օրերի մասին էլ կարելի է պատմել Գեյլորդում, մտածեց նա, երբ այս ամենը վերջանա։ Այո, երբ վերջանա։

Իսկ եթե՞ Մարիայի հետ գնամ Գեյլորդ։ Չէ։ Միտք չունի։ Թող մնա հյուրանոցում, տաք լոգանք ընդունի ու հանգստանա, մինչև վերադառնամ։ Այո, այդպես, իսկ երբ արդեն նրա մասին պատմած կլինես Կարկովին, միասին կգնաք, որովհետև հետաքրքրասիրությունը նրան հանգիստ չի տա մինչև չտեսնի։

Գուցե բոլորովին էլ չգնաս Գեյլորդ, հա՞, այլ Գրան Վիայում արագ մի բան ուտես ու վերադառնաս Ֆլորիդա։ Բայց չէ, ինքդ էլ գիտես, որ կգնաս, որովհետև այս ամենից հետո կուզենայիր նորից ճաշակել այն ուտելիքները, վայելել այն հեշտանքն ու ճոխությունը։ Կգնաս, հետո կվերադառնաս Ֆլորիդա, Մարիայի մոտ։ Նա կլինի այնտեղ, անպայման այնտեղ կլինի, երբ այս ամենը վերջանա։ Երբ այս ամենը վերջանա։ Այո, երբ այս ամենը վերջանա։ Երբ այս գործը հաջողությամբ գլուխ բերես, անպայման իրավունք կունենաս Գեյլորդում մի լավ ճաշելու։

Գեյլորդում դու հանդիպեցիր բանվորական և գյուղացիական ծագում ունեցող իսպանացի նշանավոր զորահրամանատարների, որոնք պատերազմի սկզբին դուրս էին եկել ժողովրդի ընդերքից և առանց նախնական զինվորական պատրաստության դարձել էին հրամանատարներ, և հանկարծ, մի ամիս առաջ էր, հայտնագործեցիր, որ նրանցից շատերը ռուսերեն են խոսում։ Դա եղավ առաջին լուրջ հիասթափությունդ և ողջ գործի նկատմամբ քո վերաբերմունքի մեջ ինչ֊որ ցինիկ բան երևաց, բայց հետո, երբ հասկացար պատճառը, ամեն ինչ տեղն ընկավ։ Դրանք իրոք բանվորներ ու գյուղացիներ են, որոնք 1934 թվականին, Հեղափոխության պարտությունից հետո, հարկադրված հեռացել էին երկրից, գնացել Ռուսաստան և ռազմական ակադեմիայում կրթություն ստացել, որպեսզի հաջորդ անգամ պատրաստ լինեն կռվելու՝ արդեն որպես հրամանատարներ։

Հեղափոխության ժամանակ օգնության ձեռք մեկնողներին պետք չէ օտարական համարել, և պետք չէ կարծել, որ դու ավելի գիտես, քան ենթադրվում է։ Նա յուրացրել էր այս բանը։ Եթե որևէ երևույթ ըստ ամենայնի ճշմարիտ է, դրան ուղեկցող ստերին պետք չէ նշանակություն տալ։ Իսկ ստերը միշտ էլ վխտում են։ Սկզբում տանել չէր կարողանում։ Ատում էր սուտ պատմությունները։ Հետո սկսեց սիրել։ Ի՞նչ կա որ, դա էլ կյանքի անբաժան մասն է, և շատ էլ հաճելի գործ է։

Գեյլորդում էր, որ իմացավ, թե Վալենտին Գոնսալեսը, հայտնի Էլ Կամպեսինո, այսինքն՝ գյուղացի, մականվամբ, բնավ էլ գյուղացի չի եղել, այլ օտարազգիների իսպանական լեգեոնի նախկին սերժանտ է, որ դասալիք է դարձել, անցել Աբդէլ֊Քերիմի կողմն ու կռվել իսպանացիների դեմ։ Այդպես էլ կարող է լինել։ Ինչո՞ւ չի կարող։ Նման պատերազմում իսկական գյուղացի առաջնորդն անհրաժեշտություն էր առաջին իսկ օրվանից, բայց իսկապես գյուղացի առաջնորդը կարող է շատ նման լինել Պաբլոյին։ Ինչքա՞ն սպասես, որ իսկական գյուղացի առաջնորդ հայտնվի և հայտնվելուց հետո էլ չափից ավելի գյուղացի չլինի։ Ուրեմն պիտի մեկնումեկին սարքես։ Առաջին անգամ, երբ տեսավ սևամորուս, հաստ, նեգրական շուրթերով, կրակոտ ու անհանգիստ աչքերով Կոմպեսինոյին, մտածեց, որ սա կարող է նույնքան անհանգստություն պատճառել, ինչքան իսկական գյուղացի առաջնորդը։ Վերջին հանդիպման ժամանակ այնպիսի տպավորություն էր ստացել, որ Կոմպեսինոն ինքն էլ հավատում է իր մասին տարածված լուրերին, իր գյուղացիական ծագմանը։ Հանդուգն, ուժեղ մարդ էր։ Ավելի հանդուգն մարդու չէր հանդիպել կյանքում։ Բայց, աստված իմ, ինչքա՜ն էր խոսում։ Իսկ երբ զայրանում էր, բոլորովին դադարում էր իր անխոհեմ խոսքերի հետևանքների մասին մտածելուց, ինչ գալիս էր բերանը, ասում էր։ Իսկ հետևանքները շատ հաճախ էին տխուր լինում։ Հիանալի բրիգադային հրամանատար էր, նույնիսկ այնպիսի դրություններում, երբ պարզ երևում էր, որ ամեն ինչ կորած է, նա կռվում էր, նրա մտքով իսկ չէր անցնում, որ կորած է, և դուրս էր գալիս անհուսալի վիճակից։

Գեյլորդում էր դարձյալ, որ հանդիպեցիր գալիսիացի հասարակ որմնադիր Էնրիկե Լիստերին, որն հիմա դիվիզիայի հրամանատար է։ Նա էլ էր ռուսերեն խոսում։ Հանդիպեցիր անդալուզիացի ատաղձագործ Խուան Մոդեստոյին, նա այդ օրերին դարձել էր բանակի կորպուսի հրամանատար։ Կարծում եմ, որ նա էլ ռուսերենը Պուերտո դե Սանտա Մարիայում չէր սովորել, եթե, իհարկե, Բերլիցի դպրոց չէին բաց արել այնտեղ ատաղձագործների համար։ Երիտասարդ հրամանատարների միջից ռուսներն ամենից ավելի նրան էին վստահում, որովհետև իսկական կուսակցական էր, «հարյուր տոկոսանոց է», հպարտությամբ օգտագործում էին նրանք այս ամերիկաբանությունը, երբ խոսք էր լինում նրա մասին։

Գեյլորդն անպայման այն վայրն էր, որի կարիքը դու ունեիր ուսումնառությունդ ամբողջական դարձնելու համար։ Այնտեղ էր, որ դու իմացար, թե իրականում ինչպես է ամեն ինչ տեղի ունենում, ի հակադրություն մեր ենթադրությունների։ Նոր էիր սկսել ուսումնասիրությունդ, հետաքրքիր է, կհաջողվի՞ շարունակել։ Գեյլորդում ձեռք բերած գիտելիքները առողջ էին, օգտակար, այն էին, ինչի կարիքն ինքն ուներ։ Սկզբում, երբ տակավին հավատում էր ամեն մի անհեթեթության, ցնցվել էր։ Բայց հիմա, որ բավականաչափ գիտելիքներ ունի, ընդունում է նաև ստի անհրաժեշտությունը, գեյլորդյան ուսումնառությունը միայն և միայն ամրապնդել է այն հավատը, որ իր բռնած գործը ճշմարիտ է։ Հաճելի է, երբ գիտես, թե իրականում ինչն ինչպես է, և ոչ թե այն, ինչ ներկայացվում է։ Պատերազմի ժամանակ սուտը միշտ էլ եղել է։ Բայց Լիստերի, Մոդեստոյի և Էլ Կամպեսինոյի մասին ճշմարտությունը ավելի լավ է, քան ստերն ու առասպելները։ Մի օր, անշուշտ, բոլորն էլ կիմանան ճշմարտությունը, իսկ առայժմ գոհ է, որ կա մի Գեյլորդ, որտեղ հիմա էլ նա կարող է իմանալ դա։

Այո, դա այն վայրն է Մադրիդում, ուր պիտի այցելեր, երբ գրքերը գնած լիներ, տաք լոգանք ընդունած, երկու բաժակ խմած ու մի քիչ կարդացած։ Բայց այս ծրագիրը կազմված էր նախքան Մարիայի հայտնվելը։ Դե լավ։ Հիմա արդեն երկու սենյակ կզբաղեցնեն, իսկ Մարիան թող մի բան անի, մինչև ինքը վերադառնա Գեյլորդից։ Այսքան ժամանակ սպասել է սարերում, մի քիչ էլ Ֆլորիդա հյուրանոցում թող սպասի։ Երեք օր Մադրիդում կլինեն։ Ահագին ժամանակ է երեք օրը։ Մարիային կտանի կինոթատրոն, կնայեն «Մարքս եղբայրներն օպերայում» կինոնկարը, որն արդեն երեք ամիս է, ինչ չի իջնում էկրաններից և երևի երեք ամիս ևս կցուցադրվի։ Մարիային դուր կգա «Մարքս եղբայրներն օպերայում» կինոնկարը, մտածեց նա։ Շատ դուր կգա։

Երկար էր ճանապարհը Գեյլորդից մինչև այս քարանձավը։ Ոչ, երկարը դա չէր։ Երկարն այս քարանձավից Գեյլորդ տանող ճանապարհն է լինելու։ Առաջին անգամ Կաշկինն իրեն տարավ այնտեղ։ Կաշկինն ասաց, որ պետք է հանդիպել Կարկովի հետ, որովհետև նա ուզում է ծանոթանալ ամերիկացիների հետ, և որովհետև ինքը Լոպե դե Վեգայի ամենամեծ երկրպագուն է աշխարհում ու այն կարծիքին է, որ «Ոչխարի աղբյուրից» ավելի մեծ թատերական երկ չի գրվել։ Գուցե այդպես է, բայց ինքը՝ Ռոբերտ Ջորդանը, այդ կարծիքին չի եղել։

Կարկովն իրեն դուր էր եկել, բայց Գեյլորդը՝ ոչ։ Կարկովն իր ճանաչած մարդկանցից ամենախելացին էր։ Երկարաճիտ, հեծելազորային սև սապոգներով, գորշ բրիջով ու գորշ կիտելով, թուլակազմ, բարալիկ ձեռքերով ու բարալիկ սրունքներով այդ մարդը երբ խոսել սկսեց՝ փտած ատամների արանքներից թուքը շաղ տալով, առաջին տպավորությունն այն էր, որ դա կատակերգակ դերասան է։ Սակայն մտքի այնպիսի հարստություն էր նկատվում, այնպիսի ներքին արժանապատվություն, արտաքին ամբարտավանություն և հումոր, որ Ռոբերտ Ջորդանը իրեն ծանոթ մարդկանցից ոչ մեկի մոտ չէր նկատել մինչ այդ։

Սատանան գիտի, թե Կաշկինն ինչեր էր ասել իր մասին Կարկովին, որ սա վիրավորական լինելու աստիճան քաղաքավարի էր։ Սոսկ այն բանից հետո, երբ Ռոբերտ Ջորդանը ոչ միայն հերոս չխաղաց, ընդհակառակը, մի դեպք պատմեց, որտեղ ինքը ոչ միայն ծիծաղելի, այլ նույնիսկ արգահատելի վիճակում էր ներկայանում, Կարկովի քաղաքավարությունը փոխարկվեց նախ թեթև անպարկեշտության, հետո անբարտավանության, և բարեկամացան։

Գեյլորդը, որի parte cochere[68]֊ի առաջ սվիններով պահակներ են կանգնում, երևի այս գիշեր էլ ամենահաճելի ու ամենահանգստավետ տեղն է պաշարված Մադրիդում։ Այնտեղ կուզենար լինել այս գիշեր և ոչ թե այստեղ։ Թեև հիմա, երբ կանգ է առել անիվը, այստեղ էլ լավ է։ Ձյունն էլ է դադարել։

Կուզենար իր Մարիային ցույց տալ Կարկովին, բայց նախքան այդ պետք է հարցներ, տեսներ, թե ինչպես են այս գործից հետո իրեն ընդունում։ Հարձակման ավարտից հետո Գոլցն այնտեղ կլինի, և եթե ինքն էլ հաջողությամբ վերջացրած լինի գործը, իր մասին ամեն ինչ իմացած կլինեն Գոլցից։ Ա՛յ, թե ձեռ կառնի Գոլցն իրեն Մարիայի հաշվով։ Ո՞նց էր ասում՝ «ոչ մի աղջիկ»։

Ձեռքը մեկնեց ու բաժակը սուզեց Պաբլոյի դիմաց դրված գինու թասի մեջ։

― Քո թույլտվությամբ, ― ասաց նրան։

Պաբլոն գլխով արեց։ Ռազմական հետազոտություններով է զբաղված, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը, պատկերացնում եմ։ Սա իր խնդրի լուծումն է փնտրում գինու թասի մեջ և ոչ թե սին փառք թնդանոթի երախում։ Բայց երևի շան որդին շատ ընդունակ է, որ կարողացել է այսքան ժամանակ հաջողությամբ գործել իր խմբով այս սարերում։ Նայեց, նայեց Պաբլոյին ու սկսեց մտածել՝ տեսնես ինչպիսի՞ պարտիզանական հրամանատար կլիներ սա Ամերիկայի քաղաքացիական կռիվների ժամանակ։ Այդ օրերին շատ հրամանատարներ են եղել։ Բայց նրանց մասին շատ քիչ բան գիտենք։ Խոսքը Քուոնթրիլի, Մոսբիի մասին չէ, ոչ էլ իր պապի, այլ փոքրերի, խմբակների հրամանատարների։ Ի դեպ, խմելու վերաբերյալ։ Կարծո՞ւմ ես, որ Գրանտն իսկապես հարբեցող է եղել։ Պապը հայտարարում է ու պնդում, որ եղել է։ Պապն ասում էր, որ Գրանտը կեսօրից հետո, ժամը չորսի կողմերը, միշտ էլ մի քիչ գինով էր, իսկ Վիկսբուրգի պաշարման ժամանակ երկու օր լրիվ հարբած վիճակում է եղել։ Բայց միաժամանակ պապն ասում էր, որ Գրանտն ինչքան էլ խմած լիներ, դատողությունը չէր կորցնում, դժվար էր միայն նրան արթնացնելը։ Եթե կարողանայիր արթնացնել, կտեսնեիր, որ բոլորովին սթափ է։

Այս պատերազմում կռվող կողմերից ոչ մեկն առայժմ ոչ Գրանտ ունի, ոչ Շերման, ոչ Ստոնուել Ջեքսոն։ Չունեն։ Չկա և Ջեբ Ստյուարտ։ Ոչ էլ Շերիդան։ Իսկ ահա Մակ Կլելաններ՝ ինչքան ասես։ Ֆաշիստները Մակ Կլելաններ շատ֊շատ ունեն։ Մենք՝ առվազն երեքը։

Ռազմական հանճարներ չհայտնվեցին այս պատերազմի ընթացքում։ Ոչ մի։ Նույնիսկ մոտավոր չափով։ Մադրիդի պաշտպանության ժամանակ Կլեբերը, Լուկաշն ու Հանսը լավ գործեցին որպես ինտերնացիոնալ բրիգադների հրամանատարներ, բայց հետագայում այդ ծեր, ճաղատ, ակնոցավոր, ինքնագոհ, բվեճի նման հիմար, տաղկտկալի֊տաղկտկալի խոսող, ցլի պես համարձակ ու ցլի պես բութ Միախան, որին պրոպագանդելով սարքեցին Մադրիդի պաշտպան, նախանձեց Կլեբերի ժողովրդականությանն ու ռուսներին ստիպեց, որ նրան հանեն իր մոտից և ուղարկեն Վալենսիա։ Կլեբերը լավ զինվոր էր, բայց սահմանափակ ու իր զբաղեցրած պաշտոնի համար չափից ավեի շատախոս։ Գոլցը լավ հրամանատար է և հիանալի զինվոր, բայց նրան միշտ ստորադրյալի վիճակում են պահել, երբեք չեն թողել, որ ինքնուրույն գործի։ Սա ռազմական առաջին մեծ գործողությունն է, որ վստահել են նրան, բայց այն, ինչ այս երկու օրը լսում էր Ռոբերտ Ջորդանը հարձակման վերաբերյալ, շատ հաճելի չէր։

Պիտի ուզենար տեսած լինել Գվադալախարայի մյուս երեսին, սարահարթի վրա մղված ճակատամարտը, որտեղ իտալացիները ջարդ կերան։ Այն ժամանակ ինքը Էսթրեմադուրայում էր։ Սրանից երկու շաբաթ առաջ, երեկոյան Հանսը Գեյլորդում մանրամասն պատմեց իրեն այդ ճակատամարտի մասին։ Եղել է մի պահ, որ թվացել է, թե ճակատամարտը տանուլ են տվել, դա այն պահն էր, Տրիխունեկի մոտ իտալացիները ճեղքել էին ռազմաճակատային գիծը, և եթե նրանց հաջողվեր կտրել Տորիխայից Բրիհուեգա տանող ճանապարհը, Տասնմեկերորդ բրիգադը կմեկուսացվեր։ «Բայց իմանալով, որ մեր դիմացն իտալացիներ են, ասաց Հանսը, մենք ձեռնարկեցինք մի գործողություն, որն արդարացում չէր ունենա, եթե ուրիշ զորքեր լինեին մեր դիմաց։ Եվ հաջողության հասանք»։

Ռազմական քարտեզների վրա Հանսը ցույց էր տվեկ այդ ամենը։ Նա երբեք չէր բաժանվում այդ քարտեզներից, դրանք միշտ իր պայուսակում էին, և մինչև օրս էլ ռազմական այդ հրաշք֊գործողության դրոշմած երանության ու հիացմունքի արտահայտությունը մնում է նրա դեմքին։ Հանսը հիանալի զինվոր է, լավ էլ ընկեր։ Այդ ճակատամարտում և՛ Լիստերի, և՛ Մոդեստոյի, և՛ Կամպեսինոյի իսպանական զորամասերը լավ էին կռվել, և դա, ասում էր Հանսը, պետք է վերագրել ոչ միայն նրանց հրամանատարների շնորհքին, այլև այն խիստ կարգապահությանը, որ նրանք հաստատել էին իրենց զորամասերում։ Սակայն ինչպես Լիստերը, այնպես էլ Կամպեսինոն ու Մոդեստոն, գործել էին ռուս զինվորական խորհրդատուների հրահանգներով։ Նրանք նման էին երկտեղանոց ինքնաթիռներում թռչող նոր սովորող օդաչուների, որոնց սխալները կարող են ուղղել կողքին նստած դասատուները։ Այս տարի արդեն կերևա, թե ինչպես կամ ինչ չափով են այդ աշակերտները յուրացնել դասերը։ Շուտով պետք է ինքնուրույն գործեն, տեսնենք ոնց են դիվիզիաներ ու կորպուսներ ղեկավարելու։

Նրանք կոմունիստներ էին և երկաթյա կարգապահության կողմնակիցներ։ Դրա շնորհիվ կարողացել էին լավ զինվորներ ունենալ։ Կարգապահության հարցում դաժան էր հատկապես Լիստերը, և նրան հաջողվել էր այդ միջոցով դիվիզիան դարձնել իսկական մարտական միավոր։ Մի բան է դիրքերը պահել կարողանալը, մի այլ բան՝ թշնամական դիրքերը գրոհելն ու գրավելը, իսկ ամբողջ բանակով ռազմադաշտում մանևրելն արդեն բոլորովին ուրիշ բան է, մտածեց Ռոբերտ Ջորդանը՝ նստած այստեղ, սեղանի դիմաց։ Ինչքան ես գիտեմ Լիստերին, հազիվ թե նա կարողնա առանց կողքից եկող հրահանգների գործել։ Բայց երևի հրահանգներն առայժմ չկան, մտածեց նա։ Չեմ կարծում, թե կգնան։ Դեռ կարող են նույնիսկ ավելի ամուր նստել։ Տեսնես ռուսներն ի՞նչ են մտածում, այս ամենի մասին։ Գեյլորդում կարելի է իմանալ, մտածեց նա։ Գեյլորդում ես կարող եմ իմանալ ինձ համար չափազանց կարևոր հարցերի պատասխանները։

Մի ժամանակ նա մտածում էր, որ գեյլորդյան այցելությունները կարող են վնասակար ազդեցություն ունենալ իր վրա։ Գեյլորդը ուղղակի հակապատկերն էր Ինտերնացիոնալ բրիգադների մայրաքաղաքի շտաբի, որը տեղավորված էր Մադրիդի պալատում, Վելասկես 63։ Այնտեղ կրոնական մոլեռանդության հասնող անաղարտ կոմունիստականության մթնոլորտ էր։ Գեյլորդում նման բան չկար։ Վելասկես 63֊ում, որտեղ բանակի վերակառուցումից ու բրիգադների բաժանվելուց առաջ հինգերորդ գնդի շտաբն էր տեղավորված, վանական ուխտի անդամ էիր քեզ զգում։

Այնտեղ, և՛ նախկին, և՛ այժմյան շտաբում, քեզ զգում էիր խաչակրաց արշավանքի մասնակից։ Այո՛, խաչակիր, հենց դա է, բայց այս բառն էլ այնքան է մաշված ու վարկաբեկված, որ իր իսկական իմաստով հիմա արդեն չի ընկալվում։ Չնայած այնտեղ տիրող բյուրոկրատության ու անկարության մթնոլորտին, չնայած ներկուսակցական գզվռտոցներին, հենց Վելասկես 63֊ում առաջին անգամ դու ունեցար մի զգացողություն, որին սպասում էիր այն օրվանից, որ հաղորդվեցիր այս գործին։ Դա աշխարհի բոլոր ճնշվածների դատին նվիրաբերվելու զգացողությունն էր։ Մի բան, որի մասին բարձրաձայն արտահայտվելը նույնքան դժվար է ու անհարմար, ինչքան կրոնական արբեցության, զմայլանքի, բայց և միաժամանակ, այդ զգացողությունը նույնքան ճշմարիտ է, նույնքան անեղծ, ինչքան այն, որ ունեցար, երբ Բախ լսեցիր, երբ կանգնած Շարտրի ու Լեոնի տաճարներում տեսար մեծ պատուհաններից ընկնող լույսի հեղեղը, կամ երբ Մանտենյայի, Գրեկոյի ու Բրեյդելի գեղանկարչական ստեղծագործություններն էիր դիտում Պրադոյում։ Այդ զգացողությունը քեզ մասն դարձրեց մի գործի, որին դու ամբողջ էությամբ ու անվերապահորեն հավատացիր, դա քեզ եղբայրական կապով կապեց այն մարդկանց հետ, որոնք նույնպես նվիրվել էին այդ գործին։ Նախկինում ծանոթ չէր քեզ այդ զգացողությունը, այժմ, սակայն, գիտես, և դա, ինչպես և դրան ծնողն պատճառներն այնքան կարևոր են հիմա քեզ համար, որ արդեն բացարձակապես նշանակություն չես տալիս քո մահվան, իսկ եթե խուսափում ես մահից, ապա որպեսզի կարողանաս կատարել պարտքդ։ Եվ ամենից լավն այն էր, որ այդ զգացողության համար, այդ անհրաժեշտության համար կար մի բան, որ դու կարող էիր անել։ Դու կարող էիր կռվել։

Եվ կռվեցիր, մտածեց նա։ Եվ նրանցից ոչ մեկի մոտ, ովքեր արիաբար կռվեցին ու կենդանի մնացին, այդ զգացողությունն հիմա արդեն նախկին անաղարտությունը չունի։ Իսկ ընդամենը վեց ամիս է անցել։

Այդ առաջին զգացողությունը վերստին ունենում ես պաշարված քաղաքի կամ դիրքի պաշտպանության ժամանակ։ Այդպես եղավ, երբ տեղի էին ունենում Սիեռայի մարտերը։ Իսկական հեղափոխական համերաշխություն էր։ Երբ առաջին անգամ կարգապահությունն ուժեղացնելու անհրաժեշտություն ծագեց այնտեղ, ինքը այդ բանը հասկացավ և հավանություն տվեց։ Գտնվել էին թուլամորթներ, որոնք փախուստի էին դիմել, երբ սկսվել էր հրետանակոծությունը։ Տեսավ, թե ինչպես գնդակահարեցին դրանց ու անթաղ թողեցին ճանապարհի եզրին՝ վերցնելով փամփուշտներն ու այն իրերը, որոնք կարող էին պետք գալ։ Եվ ճիշտ վարվեցին, որ վերցրեցին փամփուշտները, կոշիկներն ու կաշվի բաճկոնները։ Բանական արարք էր։ Ինչո՞ւ թողնեին, որ անարխիստներին բաժին ընկնեն։

Փախուստի դիմածների գնդակահարությունը արդարացի թվաց նրան, ճիշտ, անհրաժեշտ։ Ոչ մի սխալ բան չկար այդտեղ։ Նրանց փախուստը եսասիրություն էր։ Ֆաշիստները գրոհել էին, և մենք հազիվ կարողացել էինք կասեցնել նրանց առաջխաղացումը զառիթափի վրա, գորշ ժայռերի մոտ, Գվադառամայի սարերի սոճուտների ու փշուտների մեջ։ Ինքնաթիռները ռմբակոծում էին, հրետանին արկեր էր տեղում, բայց մենք պահել էինք ճանապարհը և օրվա վերջին անցանք հակահարձակման, ու մի խումբ զինվորներով, որ կենդանի էինք մնացել, ետ մղեցինք թշնամուն։ Քիչ անց նրանք փորձեցին ժայռերի ու ծառերի հովանու տակ մեր ձախ թևում առաջ շարժվել, մենք պատսպարվեցինք առողջարանում և շարունակեցինք կրակել պատուհաններից ու տանիքից, թեև նրանք երկու կողմից մեզ վերցրել էին կրակի տակ ու մենք գիտակցում էինք, թե դա ինչ է նշանակում, բայց կռվում էինք, և կռվեցինք, մինչև որ մերոնք եկան ու նորից ետ շպրտեցին նրանց դեպի ճանապարհի մյուս կողմը։

Այն ժամանակ, երբ սարսափից թուքդ բերանումդ չորացել էր, երբ թափվող ծեփի փոշին պատել էր չորսբոլորը, երբ ամեն վայրկյան ահ ու դողով սպասում էիր, որ շենքն հիմա փուլ է գալու, ահա այդ ժամանակ արկերի պայթյուններից առաջացած ցոլքից ու աղմուկից ցնորված վիճակում, մի կողմ քաշեցիր դեռ հենց քիչ առաջ գնդացրից կրակող զինվորին, բերանքսիվայր ընկար քար ու ծեփի կտորտանքների վրա, գլուխդ թաքցրեցիր վահանակի ետևում, վերացրեցիր գնդացրի փողն ուղղեցիր ճանապարհի կողմը։ Դու արեցիր այն, ինչ պետք է անեիր, հասկացար, որ դա է ճիշտը։ Դու իմացար, թե ինչպես է թուքը չորանում բերանում, ինչպես է սարսափը մաքրագործում, ինչպիսի ինքնամոռացությամբ է մարդ կռվում, այդ ամառ ու այդ աշունը դու կռվեցիր հանուն աշխարհի բոլոր չքավորների, կռվեցիր ընդդեմ բոլոր տեսակի բռնապետությունների, հանուն այն ամենի, ինչի որ հավատում էիր և այն աշխարհի, որ նոր էիր բացահայտում քեզ համար։ Այդ աշուն դու հասկացար, որ կարելի է տոկալ, կարելի է արհամարհել դժվարությունները՝ և՛ ցուրտն ու անձրևը, և՛ ցեխն ու խրամատները, և՛ ամրաշինական աշխատանքները։ Այն զգացողությունը, որ դու ունեցար այդ ամռան ու այդ աշնան օրերին, մնաց հոգնածության, անքնության, ջղային, լարվածության ու բազմաթիվ այլ դժվարությունների հաստ շերտի տակ։ Բայց մնաց, և այն բոլոր փորձությունները, որոնց միջով դու անցար, օգնեցին, որ ավելի հաստատ ու ամուր լինի այդ զգացողությունը։ Այդ օրերին դու համակվել էիր խոր, անաղարտ ու անձնուրաց հպարտության զգացումով, պատկերացնո՞ւմ ես, ասաց ինքն իրեն, թե ինչ տաղտկալի մարդու տպավորություն կթողնեիր դու այն ժամանակ Գեյլորդում։

Չէ, այն ժամանակ դու Գեյլորդի համար հարմար այցելու չէիր։ Շատ էիր միամիտ։ Երանության մեջ կարծես լինեիր։ Բայց երևի այն ժամանակ ոչ էլ Գեյլորդն էր այսպիսին։ Իհարկե, այսպիսին չէր, ասաց ինքն իրեն։ Բոլորովին։ Եվ առհասարակ ոչ մի Գեյլորդ չի եղել այն ժամանակ։

Այն օրերի մասին Կարկովը պատմել է։ Ռուսներն ապրել են Պալաս հյուրանոցում։ Այն ժամանակ նրանցից ոչ մեկին ինքը չէր ճանաչում։ Դա մինչև պարտիզանական ջոկատների կազմակերպումն էր։ Կաշկինին ու մյուս ռուսներին հետո հանդիպեց։ Կաշկինը կռվել է հյուսիսում՝ Իրունում, Սան֊Սեբաստիանում, մասնակցել է Վիտորիայի համար մղված անհաջող մարտերին։ Ինքը՝ Ռոբերտ Ջորդանը, Մադրիդ է եկել հունվարին։ Մինչ այդ կռվում էր Կարաբանչելում, Ուսերայում։ Մի անգամ անհրաժեշտ եղավ երեք օր շարունակ կռվել, կասեցնելու համար մարոկցիների ու tercio[69]֊ների առաջխաղացումը, հետո տուն առ տուն մաքրեցին նրանցից արևավառ սարահարթի վրա տեղավորված գորշ ու քարուքանդ եղած արվարձանը և բարձրունքների վրա ամրությունների գիծ կառուցեցին։ Այդ ժամանակն Կարկովն եղել է Մադրիդում։

Այդ օրերի մասին խոսելիս Կարկովը ցինիկություններ թույլ չէր տալիս։ Դա մի ժամանակ էր, երբ բոլորին թվում էր, թե ամեն ինչ կորած է, և հիմա այդ օրերն ապրած յուրաքանչյուր մարդու համար ուզածդ պարգևատրումից ու շքանշանից ավելի հաճելի է հիշելը, թե ինչպես դիմացան, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Կառավարությունը լքել էր քաղաքը, փախչելիս ռազմական մինիստրության բոլոր մեքենաները վերցրել էին, այնպես որ ծերուկ Միախան հեծանիվով էր գնում դիրքերն ստուգելու։ Ռոբերտ Ջորդանը դրան չէր հավատում։ Նա չէր կարողնում Միախային պատկերացնել հեծանվի վրա, ինչքան էլ ընդուներ, որ նա մեծ հայրենասեր է։ Բայց Կարկովն ասում էր, որ իսկապես այդպես է եղել։

Բայց մի դեպքի մասին Կարկովը չի գրել։ Երեք ռուս վիրավորներ են եղել Պալաս հյուրանոցում, երկու տանկիստ և մեկ օդաչու, շատ ծանր վիճակում, հնարավոր չի եղել տեղափոխել նրանց, Կարկովի վրա պարտականություն է դրվել, որ վիրավորները ֆաշիստների ձեռքը չընկնեն, եթե քաղաքը հանձնվելու լինի։ Եթե ստիպված լինեին քաղաքը թողնելու, ապա Կարկովը հեռանալուց առաջ պետք է թունավորեր վիրավորներին, որպեսզի հնարավոր չլինի նրանց ինքնությունը պարզել։ Արտաքինից հնարավոր չէր որոշել։ Լրիվ վիրակապերի մեջ էին։ Մեկի որովայնն էր երեք տեղով ծակված, մյուսի ծնոտն էր պոկվել, երևում էին բաց ձայնալարերը, երրորդի ազդրն էր ջարդվել, ձեռքերն ու դեմքը վառվել էին, ոչ հոնք էր երևում, ոչ թարթիչ ու մազ, ամբողջ երեսը բշտիկներով էր պատված։ Արտաքինից հնարավոր չէր որոշել, ռուսներ են թե ոչ Պալաս հյուրանոցում մնացած այդ վիրավորները։ Մերկ դիակին նայելով չես կարող ասել, որ ռուս է։ Երբ մեռած ես, ազգությունդ ու քաղաքական հայացքներդ չեն երևում։

Ռոբերտ Ջորդանը Կարկովին հարցրել էր, թե նա ինչ է զգացել, երբ մտածել է, որ կարող է այդ պարտականությունը կատարելու անհրաժեշտություն ծագել, Կարկովը պատասխանել էր, որ այդ մասին չի խորհել։

― Իսկ ինչպե՞ս էիք անելու, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը և ավելացրել․ ― Գիտե՞ք, հեշտ չէ, մարդուն հենց այնպես, վերցնել ու թունավորելը։

― Հեշտ է, ― ասել էր Կարկովը, ― երբ թույնը միշտ հետդ ես ման ածում, որպեսզի անհրաժեշտության պարագային կուլ տաս։ ― Հետո բաց էր արել սիգարետի տուփն ու ցույց էր տվել մի կողմի վրա առանձին դրված սրվակը։

― Բայց երբ գերի են վերցնում, առաջին հերթին սիգարետի տուփն են խլում, ― առարկել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Կպահանջեն ձեռքերը բարձրացնել։

― Բայց ես մի հատ էլ այստեղ ունեմ, ― ասել էր Կարկովը քմծիծաղելով ու ցույց էր տվել բաճկոնի օձիքի դարձածալը։ ― Պետք է պարզապես, ա՛յ, այսպես, օձիքդ առնես բերանդ, կծես ու կուլ տաս։

― Դա ավելի հարմար է, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Ասացե՛ք, իսկապե՞ս դառը նշի բույր ունի, ինչպես գրում են դետեկտիվ պատմվածքներում։

― Չգիտեմ, ― ուրախ ասել էր Կարկովը։ ― Երբեք հոտ չեմ քաշել։ Ուզո՞ւմ եք փորձենք, ջարդե՞նք մի սրվակ։

― Ավելի լավ է պահեք։

― Այո, ― ասել էր Կարկովն ու ետ քաշել սիգարետի տուփը։ ― Հասկանո՞ւմ եք, ես բնավորությամբ պարտվողական չեմ, բայց հնարավոր է, որ նորից ծանր ժամանակներ լինեն և չկարողանամ ոչ մի տեղից այս բանը ճարել։ Ի դեպ, կարդացե՞լ եք Կորդովայի ճակատից եկած հաղորդագրությունը։ Հրաշալի է։ Իմ ուրախությունը հիմա դա է։

― Իսկ ի՞նչ է ասված այդտեղ, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։ Նա հենց Կորդովայի ճակատից էր Մադրիդ եկել, և հիմա հանկարծ զգաց, որ շնչահեղձ է լինում, ձեռ էին առնում մի բան, որի իրավունքը ոչ ոք չուներ այդտեղ, բացի իրենից։ ― Պատմեցեք։

― Nuestra gloriosa tropa siga avanzanda sin perder ni una sola palma de terreno, ― ասաց Կարկովն իր տարօրինակ իսպաներենով։

― Այդպես ասված չի լինի, ― կասկածանքով ասել էր Ռոբերտ Ջորդանը։

― Մեր փառապանծ զորքերը շարունակում են առաջ շարժվել առանց մի թիզ հող կորցնելու, ― կրկնել էր Կարկովն անգլերեն։ ― Այսպես է ասված հաղորդագրության մեջ։ Սպասեք գտնեմ։

Դու հիշում էիր այն ծանոթներիդ, որոնք զոհվել էին Պոսոբլանկոյի մարտերում, իսկ այստեղ՝ Գեյլորդում, այդ ամենը կատակի էր վերածվում։

Այդպիսին է հիմա Գեյլորդը։ Բայց միշտ չէ, որ Գեյլորդ է եղել, և եթե վիճակն այնքան է փոխվել, որ առաջ է եկել Գեյլորդի նման մի երևույթ, որի շուրջ հավաքվել են այսօր պատերազմի առաջին օրերից ողջ մնացածները, ի՞նչ կա որ, շատ լավ է, և ինքը ուրախ է, որ տեսել ու ճանաչել է Գեյլորդը։ Դու հիմա շատ ես հեռացել Սիեռայի, Կարաբանչելի և Ուսերայի ժամանակաշրջանի քո հայացքներից, մտածեց նա։ Շատ հեշտ այլասերվեցիր, մտածեց նա։ Բայց արդյո՞ք այլասերություն է առաջին օրերի միամտությունից ձերբազատվելը, թե ընդհակառակը՝ երջանկություն։ Եվ մի՞թե միշտ էլ ու ամեն պարագայի այդպես չի լինում։ Այն ո՞ր երիտասարդ բժիշկը, հոգևորականը կամ զինվորն է, որ պահպանում է իր գաղափարների սկզբնական օրերի կուսական անբծությունը, թերևս հոգևորականը, այլապես պետք է թողնի֊հեռանա։

Կարկովի մասին միշտ էլ հաճույքով էր խորհրդածել։ Վերջին անգամ, երբ հանդիպել էին Գեյլորդում, Կարկովն ուղղակի հոյակապ էր, նա պատմում էր անգլիացի մի տնտեսագետի մասին, որը երկար ժամանակ ապրել էր Իսպանիայում։ Տարիներ առաջ Ռոբերտ Ջորդանը կարդացել էր այդ մարդու գործերը, հարգանքով էր վերաբերվել նրան, առանց որևէ բան իմանալու նրա անձնավորության մասին։ Իսպանիայի մասին նրա գրածները առանձնապես դուր չէին եկել իրեն։ Շատ պարզունակ ու հասարակ էր թվացել, շատ սխեմատիկ, իսկ վիճակագրական տվյալների մի զգալի մասը հարմարեցված էր ցանկալի եզրակացության, բայց քանի որ դա արվել էր բարի նպատակով, ուստի հարգանքով էր վերաբերվել այդ մարդուն։ Գուցե մեկ ուրիշին դուր գան այդ գործերը, մտածել էր Ռոբերտ Ջորդանը, բայց նրան, ով լավ գիտե երկիրը, լրագրային նման հոդվածներն հազիվ թե բավարարեն։

Եվ մի օր էլ, վերջապես, հանդիպել էր այդ մարդուն։ Կարաբանչելն էին գրոհելու, կեսօրից հետո էր, նստած էին ցլամարտի հրապարակի պատի տակ։ Երկու փողոցների միջև հրաձգություն էր գնում։ Բոլորը լարված սպասում էին գրոհի սկզբին։ Մեզ խոստացել էին մի տանկ ուղարկել, անցնում էր ժամանակը, բայց ոչինչ չէր երևում։ Մոնտերոն նստել, գլուխն առել էր ափերի մեջ ու անընդհատ նույն բանն էր կրկնում․

― Չեկավ տանկը։ Չեկավ տանկը։

Ցուրտ օր էր, պայթյուններից առաջացած դեղին փոշին բռնել էր ամբողջ փողոցը, Մոնտերոն վիրավորվել էր, ձախ թևը չէր շարժվում։

― Տանկ է պետք, ― ասում էր նա։ ― Պետք է սպասենք մինչև գա, բայց ո՞նց սպասենք, ― վերքի ցավից ձայնն էլ էր դարձել ջղային։

Ռոբերտ Ջորդանը վեր էր կացել ու գնացել, որպեսզի տեսնի, թե որտեղ է մնացել տանկը։ Մոնտերոն ասել էր, որ տրամվայի գծի մոտ, անկյունային շենքի ետևը պետք է լինի։ Եվ իսկապես էլ այդտեղ էր։ Բայց տանկ չէր, այլ զրահապատ մի հին ավտոմեքենա։ Այն օրերին իսպանացիները ամեն ինչի տանկ էին ասում։ Վարորդը չէր ուզում շենքի ետևից տանկը դուրս բերել և քշել ցլամարտի հրապարակ։ Նա կանգնել էր մեքենայի ետևը, ձեռքերով հենվել էր մետաղին ու կաշվե սաղավարտով ծածկված գլուխը կոխել էր երկու թևերի արանքը։ Ռոբերտ Ջորդանը խոսում էր հետը, իսկ նա թափ էր տալիս գլուխը, առանց թևերի արանքից հանելու։ Հետո շրջել էր դեմքը և, հայացքն ուղղած ինչ֊որ անորոշ կետի, մռայլ ասել էր․

― Ես այնտեղ գնալու հրաման չեմ ստացել։

Ռոբերտ Ջորդանը ատրճանակն հանել էր պատյանից ու փողը դեմ արել զրահապատ մեքենայի վարորդի կաշվե բաճկոնին։

― Ահա քեզ հրաման, ― ասել էր նա։ Վարորդը նորից թափ էր տվել գլուխը, որ ծածկված էր ամերիկյան ֆուտբոլիստների սաղավարտներին նմանվող կաշվե գլխարկով, և ասել էր․

― Գնդացրի փամփուշտը վերջացել է։

― Ցլամարտի հրապարակում կա, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Արի՛, գնացինք։ Այնտեղ կլցնենք ժապավենները։ Արի՛։

― Գնդացրորդը չկա, ― ասել էր վարորդը։

― Իսկ ո՞ւր է։ Ո՞ւր է գնդացրորդը։

― Սպանվել է, ― ասել էր վարորդը։ ― Մեջն է, այնտեղ։

― Հանի՛ր, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Հանի՛ր այդտեղից։

― Չեմ կարող ես նրան դիպչել, ― ասել էր վարորդը։ ― Ոչ էլ կարող եմ տեղս նստել, ընկած է գնդացրի ու ղեկի արանքը։

― Արի՛, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Մոտ արի, միասին հանենք։

Զրահապատ մեքենայի մեջ սողոսկելիս գլուխը խփել էր դռանը, և հոնքի վրա բացված փոքրիկ վերքից արյունն սկսել էր երեսի վրայով իջնել։ Սպանվածը ծանր էր ու արդեն փայտացել էր, Ռոբերտ Ջորդանը ստիպված էր եղել նրա գլխին հարվածելու, որպեսզի կարողանա դուրս քաշել ղեկի ու նստարանի արանքից, որտեղ բերանքսիվայր ընկած էր նա։ Ի վերջո հաջողվել էր․ ծունկը դրել էր սպանվածի գլխին, ցած հրել, հետո քաշել էր դեպի դուռը։

― Ձեռքդ գցիր օգնիր, ― ասել էր վարորդին։

― Չեմ ուզում դիպչել, ― ասել էր վարորդը, և Ռոբերտ Ջորդանը տեսել էր, որ նա լալիս է։ Փոշեպատ դեմքի վրայով, քթի կողքերից, արցունքներն իջնում էին։ Քիթն էլ էր վազում։

Ռոբերտ Ջորդանը կանգնել էր դռան դիմաց և դուրս էր քաշել սպանվածին, որն ընկել էր մայթին, հենց տրամվայի գծի մոտ, կծկված, երկու տակ եղած, ձեռքերը փորի տակ, ոնց որ մեքենայում, մոխրագույն մոմանման դեմքը ցեմենտյա հատակին։

― Դե նստի՛ր, գրողի տարած, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը վարորդին՝ ատրճանակը թափ տալով վրան։ ― Անցի՛ր տեղդ։

Հենց այդ ժամանակ էր, որ տեսել էր շենքի պատի տակով վազելով իրենց մոտեցած մարդու։ Նրա հագին երկար վերարկու էր, գլուխը բաց էր, մազերը՝ մոխրագույն, այտերը՝ դուրս ցցված, աչքերը՝ խոր ընկած և իրար մոտիկ։ Ձեռքին «Չեսթերֆիլդ» սիգարետի մի կապոց կար, այն պահին, երբ Ռոբերտ Ջորդանը ատրճանակը թափ տալով վարորդին հրում էր զրահամեքենայի մեջ, այդ մարդը մի տուփ սիգարետ հանել էր կապոցից, մեկնել Ռոբերտ Ջորդանին ու ասել․

― Մի րոպե, ընկեր։ Դուք կարո՞ղ եք ինձ մի քանի խոսք ասել այս մարտի մասին։

Ռոբերտ Ջորդանը վերցրել էր սիգարետը և դրել էր բանվորական կապույտ վերնաշապկի կրծքագրպանը։ Նա ճանաչել էր այդ ընկերոջը։ Տեսել էր նկարը թերթերում։ Անգլիացի տնտեսագետն էր։

― Ռադ եղիր, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը նրան անգլերեն, հետո դարձել էր վարորդին ու իսպաներեն ասել․ ― Քշի՛ր ցած։ Ցլամարտի հրապարակ։ Հասկացա՞ր։

Կողքի ծանր դուռը ուժգին քաշել էր, փակը գցել, և զառիթափով շարժվել էին ցած, գնդակները սկսել էին տեղալ մեքենայի վրա՝ երկաթյա կաթսային խփվող խճաքարերի ձայն հանելով։ Հետո, երբ սկսել էին գնդացրից կրակել, արդեն մուրճի հարվածների ձայն էր դուրս եկել։ Ցլամարտի հրապարակում կանգ էին առել պատի տակ ու հրացանները ձեռքներին և նռնակները գոտիներին ու գրպաններում սպասում էին իրենց։

― Լավ է։ Տանկը եկավ։ Հիմա արդեն կարող ենք հարձակվել, ― ասել էր Մոնտերոն։

Ավելի ուշ, արդեն գիշերը, երբ գրավել էին բարձունքի բոլոր տները, նա տեղավորվել էր աղյուսե պատի տակ, դիտանցքի կողքին և սկսել էր նայել ռազմադաշտին, որ այնքան գեղեցիկ փռվել էր իրենց դիրքերից մինչև դիմացի լեռնապարը, ուր քաշվել էին ֆաշիստները, և համարյա վայելքի հասնող գոհունակությամբ մտածել էր, որ իրենց ձախ թևը ապահով է, որովհետև այնտեղ ուղղաբերձ բարձունք է՝ գագաթին քանդված մի առանձնատնով։ Հետո թաղվել էր հատակին թափված հարդակույտի մեջ և պինդ ծածկվել էր թիկնոցով, որպեսզի չմրսի, երբ քրտինքը սառի մարմնի վրա։ Պառկած հիշել էր տնտեսագետին ու ծիծաղել էր, հետո ցավ էր զգացել, որ կոպիտ է վարվել նրա հետ։ Բայց այդ մարդը այնպես էր սիգարետը դեմ արել, կարծես ինֆորմացիայի վարձ տար, և քաղաքացիական շորերով շրջող մարդկանց հանդեպ զինվորի ատելությունն էր, որ դուրս էր պոռթկացել այդ պահին։

Հիմա նա նորից հիշեց Գեյլորդը, հիշեց այդ մարդու մասին Կարկովի պատմածները։

― Ուրեմն այնտեղ եք հանդիպել նրան, ― ասել էր Կարկովը։ ― Ես այդ օրը Պուենտե դե Տոլեդոյից այն կողմ չեմ գնացել։ Ուրեմն մինչև ռազմադաշտ է հասել։ Կարծում եմ, որ դա նրա վերջին քաջագործությունն է եղել։ Հաջորդ օրը նա թողեց֊հեռացավ Մադրիդից։ Տոլեդոյում նա քաջերի քաջն էր։ Այո։ Տոլեդոյում ահռելի էր։ Ալկասարի գրավումը նախագծողներից մեկն էլ նա էր։ Դուք պետք է նրան Տոլեդոյում տեսած լինեիք։ Ես կարծում եմ, որ պաշարման հաջողության համար մենք մեծապես պարտական ենք նրա ջանքերին ու խորհուրդներին։ Այդ ժամանակաշրջանը երևի այս պատերազմի ամենահիմար փուլն էր։ Հիմարության գագաթնակետը։ Բայց դուք ինձ ասացեք՝ ի՞նչ կարծիք կա նրա մասին Ամերիկայում։

― Ամերիկայում, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը, ― նրան համարում են Մոսկվայի մարդը։

― Ճիշտ չէ, ― ասել էր Կարկովը։ ― Բայց նա այնպիսի անուշ դեմք ունի, այդպիսի դեմքը չի կարող անհաջողության հանդիպել։ Իմ դեմքը կարո՞ղ է որևէ մեկին դուր գալ։ Եթե ինչ֊որ բանի էլ կարողացել եմ հասնել, ապա մեծագույն դժվարությամբ, որովհետև այսպիսի դեմքը ոչ համակրանք, ոչ էլ վստահություն կարող է ներշնչել մարդկանց։ Իսկ Միտչելը միշտ էլ հաջողության է հասել և շնորհիվ իր դեմքի։ Իսկական կոնսպիրատորի արտաքին ունի։ Բավական է որևիցե գիրք կարդացած լինես կոնսպիրատորի մասին և հետո տեսնես Միտչելին, տեղնուտեղը կասես, որ սա է, սա է, որ կա, իսկապես շատ նման է։ Մտա՞վ մի տեղ, ով էլ տեսնի, պիտի մտածի, որ առաջին կարգի կոնսպիրատոր է։ Քո այն բոլոր հարուստ հայրենակիցները, որոնք օգնություն են ցույց տալիս Սովետական Միությանը, ոմանք սոսկ որպես բարի մարդիկ, ուրիշները՝ ապահովելու համար իրենց, եթե երբևէ մեր կուսակցությունը հաջողության հասնի, ահա նրանք, երբ նայում են այդ մարդու դեմքին, շարժուձևերին, միայն մի բան է մտքներովն անցնում՝ սա Կոմինտերնի վստահված գործակալն է, ուրիշ բան չի կարող լինել։

― Ուրեմն կապեր չունի՞ Մոսկվայի հետ։

― Չէ՛։ Ընկեր Ջորդան, սպասեք մի բան ասեմ։ Դուք երբևէ լսե՞լ եք գժերի երկու տեսակի մասին։

Հանգիստ ու կատաղի՞։

― Չէ՛։ Իմ ասած երկու տեսակին միայն Ռուսաստանում կարող ես հանդիպել, ― քմծիծաղելով ասեկ էր Կարկովը։ ― Առաջին տեսակը ձմեռային գիժն է։ Ձմռան մի օր, ահա, եկավ ու թակեց դուռդ։ Գնում ես, բացում, տեսնում ես անծանոթ մի մարդ։ Տեսքը տպավորիչ է՝ բարձրահասակ, թիկնեղ, հագին սապոգներ, մուշտակե վերարկու, մորթե գլխարկ ու ձյունն էլ վրան լավ նստած։ Մտնում է ու սկսում է կոշիկները թափ տալ, ձյունը թափվում է հատակին։ Հետո մուշտակե վերարկուն է հանում ու թափ տալիս, հատակի ձյունն ավելանում է։ Հանում է գլխարկն ու խփում դռանը։ Հատակի ձյունը մի քիչ էլ է ավելանում։ Հետո նորից է ոտները խփում հատակին ու մտնում սենյակ։ Նայում ես, դարձյալ նայում, և մեկ էլ հասկանում ես, որ գիժ է։ Հիմա գնանք ամառային գժին։ Ամռան մի օր տեսնում ես, որ փողոցով մի մարդ է իջնում, ձեռները թափ է տալիս, գլուխը այս ու այն կողմ գցում, պարզ է արդեն, գիժ է, երկու հարյուր յարդից էլ երևում է։ Սա էլ քեզ ամառային գիժը։ Տնտեսագետը ձմեռային գիժ է։

― Բայց ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, որ այստեղ էլ են վստահում նրան, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։

― Դեմքը, ― ասել էր Կարկովը։ ― Նրա գեղեցիկ quelle de conspirateur֊ը։[70] Հետո նաև այն անգնահատելի ճարպկությունը, որ նա կարողանում է ցույց տալ, թե իբր հենց այս պահին գալիս է մի տեղից, որտեղ ինքը շատ վստահված ու կարևոր դեմք է։ Իհարկե, ― ժպտացել էր Կարկովը, ― դրա համար նա ստիպված է լինում անընդհատ տեղից տեղ գնալու, այլապես խաբեությունը կբացահայտվի։ Գիտե՞ք, շատ տարօրինակ մարդիկ են իսպանացիները, ― շարունակել էր Կարկովը։ ― Այս կառավարությունը շատ փող ունի։ Շատ մեծ քանակությամբ ոսկի։ Բայց բարեկամներին ոչինչ չեն տա։ Բարեկա՞մ ես, ուրեմն պիտի ձրի անես, անվարձահատույց։ Իսկ որևէ նշանավոր ֆիրմայի կամ ոչ բարեկամական երկրի ներկայացուցիչներին ինչքան ասես տալիս են, որպեսզի սիրաշահեն։ Երբ սկսում ես ուշադիր քննել այս ամենը, տեսնում ես, որ շատ հետաքրքիր է։

― Դա ինձ դուր չի գալիս։ Եվ հետո՝ այդ փողը պատկանում է իսպանացի աշխատավորներին։

― Ես չեմ ասում, որ դա պետք է ձեզ դուր գա, դա պետք է միայն հասկանալ, ― ասել էր Կարկովը։ ― Ահա այսպես, ամեն հանդիպման ժամանակ ինչ֊որ բան սովորում եք, և եթե այսպես շարունակվի, մի օր էլ կտեսնեք կարգին կրթություն եք ստացել։ Հետաքրքիր է, չէ՞, պրոֆեսորը կրթություն է ստանում։

― Չգիտեմ, պիտի կարողանա՞մ պրոֆեսորի պաշտոնիս մնալ, երբ վերադառնամ։ Հավանաբար կասեն կարմիր է ու հեռացնեն աշխատանքից։

― Այդ դեպքում թերևս գաք Սովետական Միություն և այնտեղ շարունակեք ձեր ուսումնասիրությունները։ Ես կարծում եմ, որ ամենից ճիշտը դա կլինի։

― Բայց իմ ուսումնասիրությունների բնագավառը իսպաներենն է։

― Իսպանախոս երկրները շատ են, ― ասել էր Կարկովը։ ― Ամեն տեղ այսպիսի ծանր վիճակ չի լինի։ Հետո նաև նկատի ունեցեք, որ դուք համարյա ինն ամիս է, ինչ չեք դասավանդում։ Ինն ամսում կարող էիք նոր մասնագիտություն ձեռք բերել։ Դիալեկտիկայից ի՞նչ եք կարդացել։

― Կարդացել եմ Էմիլ Բըրնսի խմբագրությամբ լույս տեսած «Մարքսիզմի ձեռնարկը»։ Այդքան։

― Քիչ չէ, եթե լրիվ կարդացել եք։ Հազար հինգ հարյուր էջ, եթե ամեն էջի վրա որոշ ժամանակ ծախսել եք։ Բայց կան և ուրիշ բաներ, որ պետք է կարդալ։

― Հիմա ընթերցանության համար ժամանակ չկա։

― Գիտեմ, ― ասել էր Կարկովը։ ― Երբ որ հնարավորություն լինի։ Կան գրքեր, որ պետք է կարդալ, որպեսզի այսօրվա որոշ իրադարձություններ հասկանալի դառնան։ Եվ այս ամենի մասին, ինչ տեղի է ունենում այսօր, պետք է մի գիրք գրվի, մի շատ անհրաժեշտ գիրք, որտեղ տրված լինի այս իրադարձությունների բացատրությունը։ Թերևս ես գրեմ այդ գիրքը։ Այո, հույս ունեմ, որ ես կգրեմ։

― Հազիվ թե մեկ ուրիշը կարողանա ավելի լավ գրել, քան դուք։

― Մի՛ շողոքորթեք, ― ասել էր Կարկովը։ ― Ես լրագրող եմ։ Բայց ինչպես ամեն մի լրագրող, այրվում եմ գրական երկ ստեղծելու ցանկությամբ։ Այ հենց հիմա էլ զբաղված եմ Կարլո Սոտելոյի մասին մի ուսումնասիրության նյութեր հավաքելով։ Ֆաշիստի ավարտուն կերպար է եղել։ Իսկական իսպանական ֆաշիստ։ Ֆրնակոն ու մյուսները՝ չէ։ Հիմա Սոտելոյի ճառերն ու հոդվածներն եմ ուսումնասիրում։ Շատ խելացի է եղել, և շատ խելացի բան են արել, որ սպանել են նրան։

― Ես կարծում էի, թե դուք քաղաքական սպանություններին դեմ եք։

― Շատ լայն կիրառություն ունեն, ― ասել էր Կարկովը։ ― Շատ, շատ լայն։

― Բայց․․․

― Մենք դեմ ենք, երբ անհատներն են տեռոր անում, ― ժպտալով ասել էր Կարկովը։ ― Մենք դեմ ենք, իհարկե, տեռորիստական ու հակահեղափոխական հանցագործ կազմակերպությունների գործունեությանը։ Մենք ատում ենք ու նողկանքով մերժում ոճրագործ ու ավազակ բուխարինական բորենիների, Զինովևի, Կամենևի, Ռիկովի և նրանց մանկլավիկների նման մարդկային թափթփուկների երկերեսանի ու ստոր գործելակերպը, ― ասել էր Կարկովը և նորից ժպտացել։ ― Բայց դարձյալ պիտի ասեմ, որ քաղաքական սպանությունները շատ լայն կիրառություն ունեն։

― Ուզում եք ասել․․․

― Ոչինչ չեմ ուզում ասել։ Իսկ մահապատժի մենք, իհարկե, ենթարկում ենք ու ոչնչացնում, բայց միայն մարդկային ցեղի իսկական վիժվածքներին ու թափթփուկներին, այդ շուն, դավաճան գեներալներին և գարշելի, անվստահելի ադմիրալներին։ Նրանց ոչնչացնում ենք։ Չենք սպանում։ Դուք տարբերությունը հասկանո՞ւմ եք։

― Հասկանում եմ, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։

― Եվ եթե երբեմն ես կատակում եմ, իսկ դուք գիտ՞եք, թե ինչքան վտանգավոր է թեկուզ հենց այնպես կատակի համար կատակելը, ուրեմն երբ կատակով երբեմն ասում եմ, որ իսպանական ժողովուրդը մի օր զղջալու է, որ չեն գնդակահարել հրամանատարական պաշտոններ զբաղեցնող այսօրվա որոշ գեներալների, հավատացե՛ք, ճիշտ եմ ասում, զղջալու է։ Թեև, եթե կուզեք իմանալ, գնդակահարություններն իմ սրտով չեն։

― Բայց ես չեմ առարկում, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Թեև թիմ էլ սրտով չեն։ Բայց հիմա չեմ առարկում։

― Գիտեմ, ― ասել էր Կարկովը։ ― Ինձ ասել են դրա մասին։

― Իսկ դա կարևո՞ր է, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Ես ընդամենը փորձում էի արդար լինել այդ հարցում։

― Դժբախտաբար, այո, ― ասել էր Կարկովը։ ― Այլ հանգամանքներում վստահելիությունն ստուգելու համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ լինում։

― Իսկ պարտադի՞ր է, որ ես վստահելի լինեմ։

― Ձեզ հանձնարարվող գործերի համար վստահելի լինելը ավելի քան պարտադիր է։ Ես ձեզ հետ պետք է մեկ֊մեկ զրուցեմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ մտքեր ունեք։ Ափսոս, որ մեր միջև երբեք լուրջ խոսակցություն տեղի չի ունենում։

― Իմ մտքերը հանգստյան են կոչվել մինչև պատերազմի հաղթական ավարտը, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։

― Եթե այդպես է, թերևս դեռ երկար ժամանակ կարիքը չզգացվի։ Բայց լավ կլինի, եթե երբեմն որոշ վարժություններ անեք, պետք է մարզել։

― Անում եմ, Mundo Obrero եմ կարդում, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։

― Լավ է, լավ։ Սրամիտ է, ընդունում եմ, ― ասել էր Կարկովը։ ― Բայց Mundo Obrero֊յում լինում են և շատ խելացի հոդվածներ։ Այս պատերազմի մասին գրված ամենախելացի հադվածներն այնտեղ են եղել։

― Այո, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Համաձայն եմ ձեզ հետ։ Բայց ես կարծում եմ, որ միայն կուսակցական օրգանի նյութերի ընթերցումով հնարավոր չէ ամբողջական պատկերացում ունենալ իրադրության մասին։

― Այո, հնարավոր չէ, ― ասել էր Կարկովը։ ― Բայց եթե դուք քսան լրագիր էլ կարդաք, դարձյալ չեք կարողանա ամբողջական պատկերացում ունենալ, իսկ եթե ունենաք էլ, չգիտեմ, թե դա ինչ կտա ձեզ։ Ես, օրինակ, ունեմ, և ի՞նչ, փորձում եմ ամեն կերպ ազատվել դրանից, բայց չի հաջողվում։

― Ուրեմն այդքան վա՞տ է իրադրությունը։

― Հիմա համեմատաբար լավ է։ Ծանր վիճակից աստիճանաբար դուրս ենք գալիս։ Բայց տակավին դժվար է։ Ահավոր դժվար։ Պետք է հզոր բանակ ստեղծել։ Մոդեստոյի, Էլ Կամպեսինոյի, Լիստերի ու Դյուրանի ետևից գնացողների որոշ մասը վստահելի է։ Ավելի քան վստահելի։ Ուղղակի հրաշալի մարդիկ են։ Կտեսնեք։ Բացի այդ դեռ գոյություն ունեն բրիգադները, թեև նրանց դերը փոխվում է։ Բայց մի բանակ, որը բաղկացած է և՛ լավ, և՛ վատ տարրերից, հաղթել չի կարող։ Մենք պետք է բոլորին հասցնենք քաղաքական զարգացման որոշակի մի մակարդակի։ Բոլորը պետք է իմանան, թե հանուն ինչի են կռվում, պետք է իմանան դրա կարևորությունը, բոլորը պետք է հավատան այդ կռվի արդարացիությանը և պետք է ենթարկվեն կարգապահությանը։ Ստեղծում ենք հզոր բանակ, բայց ժամանակ չունենք, որ կանոնավոր բանակին անհրաժեշտ կարգապահություն պատվաստենք, այնպես լինի, որ մարտի դաշտում իրենց պահեն ինչպես պետք է։ Ասում ենք ժողովրդական բանակ, բայց դա ոչ ժողովրդականի արժանիքները կունենա, ոչ էլ կանոնավոր բանակի համար պարտադիր երկաթյա կարգապահությունը։ Կտեսնեք։ Շատ վտանգավոր բան ենք ձեռնարկել։

― Այսօր ձեր տրամադրությունը երևում է այնքան էլ լավ չէ։

― Ճիշտ եք, ― ասել էր Կարկովը։ ― Վալենսիայից եմ գալիս, շատերին եմ հանդիպել այնտեղ։ Վալենսիայից եկողը չի կարող լավ տրամադրություն ունենալ։ Մադրիդում լավ ես զգում, հանգիստ ես, հավատում ես, որ հաղթելու ես։ Վալենսիայում բոլորովին այլ բան է։ Մադրիդից փախած վախկոտներն հավաքվել են այնտեղ ու շարունակում են տակավին կառավարել։ Լավ ու հանգիստ տեղավորվել են ու իրենց բյուրոկրատական գործունեությունն են ծավալել։ Եվ տեսնեք, թե ինչպիսի արհամարհանքով են խոսում Մադրիդում եղողների մասին։ Հիմա նրանց ուղեղում միայն մի սևեռուն միտք կա՝ թուլացնել ռազմական կոմիսարիատը։ Հապա Բարսելոնը։ Պիտի տեսնել, ասելով չի լինի։

― Ո՞նց է, ո՞նց։

― Իսկական երաժշտական կոմեդիա։ Դրախտ է։ Սկզբում խելագարների ու ռոմանտիկ հեղափոխականների դրախտ էր, հիմա՝ բեմի զինվորների։ Դու պիտի տեսնես, թե Բարսելոնի այդ զինվորներն ինչպես են համազգեստն հագած, կարմիր֊սև վզնոցը կապած սեթևեթելով ճեմում։ Ինչ որ պատերազմի հետ կապ ունի, սիրում են, բացի կռվելուց։ Վալենսիան վհատեցնում է, Բարսելոնը՝ ծիծաղեցնում։

― P. O. U. M[71]֊ի խռովության մասին ի՞նչ կասեք։

― P. O. U. M֊ը երբեք լուրջ կազմակերպություն չի եղել։ Դա խելագարների ու ծայրահեղականների աղանդ է, իսկ այդ խռովությունը մանկամտություն էր։ Նրանց մեջ կային մի քանի ազնիվ մոլորյալներ, շատ խելացի մի մարդ, մի քիչ էլ ֆաշիստներից ստացած փող ունեին։ Ոչ շատ։ Խեղճ P. O. U. M: Շատ հիմար մարդիկ էին։

― Շա՞տ սպանվողներ եղան այդ խռովության ժամանակ։

― Խռովության ժամանակ շատ չեղան, հետագայում շատ գնդակահարվեցին և դեռ գնդակահարվում են։ P. O. U. M: Ոնց որ անունն է անլուրջ, այնպես էլ ինքն է։ Ավելի ճիշտ կանեին, եթե M. U. M. P. S.[72] կամ էլ M. E. A. S. L. E. S.[73] Բայց ոչ։ Կարմրուկը ավելի վտանգավոր է։ Կարող է տեսողությունն ու լսողությունը շարքից հանել։ Ի դեպ, ուզեցել են ինձ սպանել, ինչպես և Վալտերին, Մոդեստոյին ու Պրիետոյին։ Տեսնում եք, չէ՞, ինչ աստիճանի խանգարված են։ Չորսս էլ իրարից տարբեր մարդիկ։ Խեղճ P. O. U. M: Այդպես էլ ոչ ոքի չսպանեցին։ Ոչ ռազմաճակատում, ոչ այլուր։ Ճիշտ չեմ․ Բարսելոնում մի քանի հոգու սպանեցին։

Դուք այնտե՞ղ էիք։

― Այո։ Այնտեղից ես հեռագրով հաղորդում տվեցի, նկարագրեցի տրոցկիստ ոճրագործների այդ տխրահռչակ կազմակերպությունը և նրա ֆաշիստական արգահատելի մեքենայությունները։ Բայց, խոսքը մեր մեջ, շատ անլուրջ բան է այդ P.O.U.M֊ը։ Այդտեղ միայն Նինն էր խելքը գլխին։ Ախր բռնել էինք, ո՞նց ձեռքներիցս բաց թողեցինք։

― Հիմա որտե՞ղ է։

― Փարիզում։ Ասում ենք Փարիզում է։ Բավական հաճելի մարդ է, գիտե՞ք, բայց քաղաքական մոլորության մեջ է։

― Բայց ճի՞շտ է, որ կապված են եղել ֆաշիստների հետ։

― Իսկ ո՞վ չի կապված։

― Մենք։

― Ո՞վ գիտի։ Հուսանք, որ կապված չենք։ Բայց դուք նրանց թիկունքում հաճախ եք լինում, ― քմծիծաղել էր Կարկովը։ ― Հանրապետության Փարիզի դեսպանատան քարտուղարներից մեկի եղբայրը անցյալ շաբաթ այցելել էր Սեն Ժան դե Լյուս և հանդիպել Բուրգոսից ժամանածներին։

― Ռազմաճակատում ավելի հաճելի է, ― ասել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Մարդիկ ինչքան ռազմաճակատին մոտիկ են, այնքան ավելի լավն են։

― Իսկ ֆաշիստների թիկունքում ո՞նց է։

― Շատ լավ։ Հիանալի մարդիկ ունենք այնտեղ։

― Այդպես։ Նրանք էլ մեր թիկունքում իրենց լավ մարդիկն ունեն։ Մենք նրանց ենք հայտնաբերում ու գնդակահարում, նրանք մերոնց են հայտնաբերում ու գնդակահարում։ Երբ դուք նրանց թիկունքում եք լինում, մտածեք միշտ այն մասին, թե քանի֊քանիսին էլ նրանք են ուղարկում մեր թիկունքը։

― Մտածել եմ։

― Դե լավ, ― ասել էր Կարկովը։ ― Խորհելու բավական նյութ երևի ունեք այսօր, խմե՛ք բաժակում մնացած գարեջուրն ու գնանք, դուք ձեր գործին, ես էլ վերև՝ որոշ մարդկանց տեսնելու։ Վերնահարկի մարդկանց։ Նորից եկեք։ Ցտեսություն։

Այո, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Շատ բան սովորեցիր դու Գեյլորդում։ Կարկովը կարդացել էր իր մեկ և միակ հրատարակված գիրքը։ Գիրքը հաջողություն չէր ունեցել։ Ընդամենը երկու հարյուր էջ էր, և չէր կարծում, որ երկու հազար մարդ կարդացած լիներ։ Իսպանական իր տպավորություններն էին, որ ստացել էր վերջին տասը տարիներին Բասկերի երկրում, Նավառայում, Արագոնում, Գալիսիայում, երկու Կաստիլյաներում և Էսթրեմադուրոյում շրջագայելիս։ Ճամփորդել էր ոտքով, երրորդ կարգի վագոններում, ավտոբուսով, ձիու և ջորու վրա, բեռնատար մեքենաների թափքերին։ Իսպանիայի մասին այնքան լավ գրքեր էին գրել Բառոուն, Ֆորդը և ուրիշներ, որ ինքը հազիվ թե կարողանար ինչ֊որ բան ավելացնել։ Բայց Կարկովն ասել էր, որ լավ գիրք է։

― Դրա համար եմ գլուխ դնում ձեզ հետ, ― ասել էր նա։ ― Ըստ իս բացարձակապես ճշմարտացի եք գրում, իսկ դա շատ հազվագյուտ երևույթ է։ Դրա համար էլ ես կուզեի, որ դուք որոշ այլ բաներ ևս իմանայիք։

Լավ։ Կգրի նա իր գիրքը, երբ այս ամենը վերջանա։ Բայց կգրի միայն այն բաների մասին, ինչ գիտի, ճշմարտացի, իմացածի մասին։ Բայց դրա համար պետք է ավելի լավ տիրապետեմ գրելու արվեստին, մտածեց նա։ Այն ամենը, ինչ ճանաչեց այս պատերազմի ընթացքում, այնքան էլ պարզ չէին։

Գլուխ տասնիներորդ։

― Ի՞նչ ես անում, ― հարցրեց Մարիան, որ կիպ կանգնել էր իր կողքին։ Ռոբերտ Ջորդանը շրջեց գլուխը և ժպտաց նրան։

― Ոչինչ, ― ասաց։ ― Մտածում էի։

― Ինչի՞ մասին։ Կամրջի՞։

― Ոչ։ Կամրջի մասին մտածեցի֊վերջացրի։ Քո մասին էի մտածում, մադրիդյան մի հյուրանոցի, որտեղ ռուս ծանոթներ ունեմ, և մի գրքի մասին, որ գրելու եմ մի օր։

― Մադրիդում ռուսներ շա՞տ կան։

― Չէ։ Շատ քիչ։

― Բայց ֆաշիստական թերթերը գրում են, որ հարյուր հազարներ են։

― Սուտ է։ Շատ քիչ են։

― Հավանո՞ւմ ես ռուսներին։ Այն մեկը, որ այստեղ էր, ռուս էր։

― Դու հավանեցի՞ր նրան։

― Այո։ Ես այն ժամանակ հիվանդ էի, բայց ինձ նա շատ գեղեցիկ ու քաջ թվաց։

― Գեղեցիկ, չէ մի, հիմարություն, ― ասաց Պիլարը։ ― Քիթը տափակ, ոնց որ ձեռքս, թշերը լայն, ասես ոչխարի դմակ լինեին։

― Լավ ընկերներ էինք, լավ բարեկամներ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ էի սիրում։

― Անշուշտ, ― ասաց Պիլարը։ ― Բայց սպանեցիր։

Թուղթ խաղացողները հայացքները բարձրացրեցին սեղանից, Պաբլոն նայեց Ռոբերտ Ջորդանին։ Բոլորը լուռ էին։

― Ճի՞շտ է, Ռոբերտո, ― հարցրեց գնչու Ռաֆայելը։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Պիլարը դրա մասին պետք է լռեր, մտածեց նա։ Զղջաց, որ բացվել է Էլ Սորդոյի մոտ։ ― Խնդրեց։ Ծանր վիրավոր էր։

― Que cosa mas rara,[74] ― ասաց գնչուն։ ― Այստեղ եղած ժամանակը միշտ այդ էր ասում։ Քանի֊քանի անգամ է ինձնից խոսք վերցրել, որ եթե պետք լինի, սպանեմ իրեն։ Ինչ տարօրինակ բան է, ― ասաց նորից ու թափ տվեց գլուխը։

― Շատ տարօրինակ մարդ էր, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ոչ մեկին նման չէր։

― Լսի՛ր, ― ասաց Անդրեսը՝ եղբայրներից մեկը։ ― Դու պրոֆեսոր ես և ամեն ինչ։ Ի՞նչ ես կարծում, մարդը կարո՞ղ է իմանալ, թե ինչ է պատահելու իրեն։

― Ես կարծում եմ, որ չի կարող, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Պաբլոն հետաքրքրությամբ նայում էր նրան, Պիլարի դեմքը ոչինչ չէր արտահայտում։ ― Ինչ վերաբերում է այն ռուս ընկերոջը, ես կարծում եմ, որ նրա նյարդերը թուլացել էին, որովհետև ռազմաճակատներում շատ երկար էր եղել։ Մասնակցել էր Իրունի մարտերին, դուք գիտեք, թե դա ինչ է նշանակում, շատ ծանր վիճակ է եղել։ Ահավոր։ Կռվել էր հյուսիսում։ Հետո, երբ կազմակերպվել են թիկունքում գործող խմբերը, եղել է այստեղ, Էսթրեմադուրայում, Անդալուզիայում։ Ես կարծում եմ, որ շատ է հոգնել, նյարդայնացել և դրանից էլ սկսել են գլխում վատ մտքեր ծագել։

― Անկասկած ահավոր բաներ է տեսել, ― ասաց Ֆերնանդոն։

― Այնպես, ինչպես բոլորը, ― ասաց Անդրեսը։ ― Բայց դու չասացիր, Ingles, կարո՞ղ է մեկը նախօրոք իմանալ, թե ինչ է պատահելու իրեն։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դա տգիտություն է ու սնահավատություն։

― Շարունակի՛ր, ― ասաց Պիլարը։ ― Եկեք լսենք պրոֆեսորի տեսակետը։ ― Նա խոսում էր այնպես, կարծես դիմացը իր տարիքից վաղ հասունացած երեխա լիներ։

― Ես կարծում եմ, որ վատ նախազգացումները վախի հետևանք են, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մարդ երբ վատ նշաններ է տեսնում․․․

― Ոնց որ այսօրվա ինքնաթիռները, ― ասաց Պրիմիտիվոն։

― Ոնց որ քո ժամանումը, ― ցածրաձայն ասաց Պաբլոն։ Ռոբերտ Ջորդանը նայեց նրան, բայց երբ տեսավ, որ դա սադրանք չէր, այլ սոսկ բարձրաձայն խոհ, շարունակեց․

― Մարդ երբ վատ նշաններ է տեսնում, վախից սկսում է մտածել, որ վախճանը եկել է, նրան թվում է, թե դրանք կանխագուշակություններ են, ― եզրափակեց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես կարծում եմ, որ սա է, ուրիշ ոչինչ։ Ես չեմ հավատում ո՛չ գուշակներին, ո՛չ էլ դևերի ու գերբնական ուժերի գոյությանը։

― Բայց այն տարօրինակ անունով մարդը գիտեր անշուշտ իր ճակատագիրը, ― ասաց գնչուն։ ― Եվ պատահեց այնպես, ինչպես սպասում էր։

― Ոչինչ էլ չգիտեր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նա վախենում էր այդպիսի վախճանի հնարավորությունից, և դա նրա մոտ սևեռուն միտք էր դարձել։ Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ նա նախօրոք ինչ֊որ բան գիտեր։

― Ոչ էլ ե՞ս, ― հարցրեց Պիլարը և օջախից մի պտղունց մոխիր վերցրեց֊դրեց ափի մեջ ու փչեց։ ― Ե՞ս էլ չեմ կարող համոզել։

― Ո՛չ, չես կարող։ Ո՛չ հմայությամբ, ո՛չ էլ գնչուական քո այդ ամեն ինչով։

― Որովհետև դու զարմանահրաշ խուլ ես, ― ասաց Պիլարը։ Նրա խոշոր դեմքի գծերը մոմի լույսի տակ դարձել էին խիստ կոպիտ։ ― Ոչ, դու բութ չես։ Դու պարզապես խուլ ես։ Խուլը երաժշտություն չի կարող լսել։ Ոչ էլ ռադիո։ Իսկ եթե չի լսում, կարող է ասել, որ այդպիսի բան գոյություն չունի։ Que va, Ingles! Ես այդ տարօրինակ մարդու դեմքին տեսել եմ իր մահը, շիկացած երկաթով կարծես դրոշմված լիներ։

― Չես տեսել, ― պնդեց Ռոբերտ Ջորդանը։ ― Դու վախ ես տեսել, ու նախազգացում։ Նա վախենում էր, որովհետև ծանր վիճակներում էր լինում։ Նախազգացումները նրանից էին, որ նա ամեն վայրկյան պատկերացնում էր դժբախտությունը։

― Que va, ― ասաց Պիլարը։ ― Ես այնքան պարզ տեսել եմ նրա մահը, կարծես ուսերին նստած լիներ։ Ավելին, նրանից մահվան հոտ էր փչում։

― Մահվան հոտ էր փչում, ― հեգնեց Ռոբերտ Ջորդանը։ ― Թերևս վախի՞։ Վախի հոտ կա։

― De la muerte,[75] ― ասաց Պիլարը։ ― Լսի՛ր, սա ինձ Բլանկետն է պատմել, անենանշանավոր peon de brega[76]֊ն, նա աշխատում էր Գրաներոյի հետ։ Մանոլո Գրաներոյի մահվան օրը մարտից առաջ երբ եկեղեցի են մտել, Գրաներոյից այնպիսի ուժեղ մահվան հոտ է փչել, որ Բլանկետը քիչ է մնացել շնչահեղձ լինի։ Մինչ այդ գնացել են բաղնիք, Գրաներոն լողացել է, մաքուր շորեր հագել, հետո ավտոմեքենայի մեջ իրար կպած նստել ու եկել են հրապարակ, ոչ ոք հոտ չի առել, եկեղեցում էլ միայն Խուան Լուիս դե լա Ռոսան է զգացել։ Գրաներոյին հրապարակ առաջնորդելիս Մարսիալն ու Չիկուլեոն հետն են եղել։ Բայց հոտ չեն առել։ Իսկ Խուան Լուիսը գույնը գցել, դարձել է սպիտակ դիակ, այստեղ Բլանկետը հարցրել է․

― Դո՞ւ էլ։

― Չեմ կարողանում շնչել, ― ասել էր Խուան Լուիսը։ ― Քո մատադորից է փչում։

― Pues nada, ― ասել էր Բլանկետը։ Ոչ մի բան չենք կարող անել։ Երանի սխալված լինենք։

― Իսկ մյուսնե՞րը, ― հարցրել էր Խուան Լուիսը Բլանկետին։

― Nada, ― ասել էր Բլանկետը։ ― Ոչ մի բան։ Միայն սրանից է, և ավելի ուժգին է փչում, քան Խոսեից Տալավերայում։

Հենց այդ կեսօրից հետո էլ Վերագուայի Պոկապենա ցուլը Մադրիդի Plaza de Toros֊ում, երկրորդ tendi do[77]֊յի դիմաց Մանոլո Գրաներոյին սեղմեց պատնեշին։ Ես այնտեղ էի, Ֆինիտոյի հետ, տեսա։ Ցուլը եղջյուրի հարվածով փշրեց Գրաներոյի զանգը, գլուխը մտավ estribo[78]֊յի տակը, barrera[79]֊յի հիմքի մոտ։

― Իսկ դու հոտ առա՞ր, ― հարցրեց Ֆերնանդոն։

― Ոչ, ― ասաց Պիլարը։ ― Ես շատ հեռու էի։ Մենք երրորդ tendido֊յի յոթերորդ շարքում էինք։ Կողքից լավ էր երևում, դրա համար էլ ամեն ինչ տեսա։ Այդ իրիկուն Ֆորնոսում Բլանկետը Ֆինիտոյին պատմեց այդ դեպքը։ Բլանկետը ժամանակին աշխատել էր Խոստելիտոյի հետ և նրա սպանվելն էլ էր տեսել։ Ֆինիտոն նայեց Խուան Լուիս դե լա Ռոսային, սա լուռ գլխի շարժումով հաստատեց Բլնակետի պատմածը։ Այս ամենը իմ աչքի առաջ է կատարվել։ Այնպես որ, Ingles, ես քեզ միայն մի բան կասեմ, ոնց որ Չիկուելոն ու Մարսիալ Լալանդան, banderillero֊ներն ու պիկադորները, Խուան Լուիսի ու Մանոլո Գրաներոյի մարդիկ էին խուլ, ոնց որ նրանց այդ օրը ոչ մի բան չէր հասնում, այդպես էլ դու ես։ Իսկ Խուան Լուիսն ու Բլանկետը խուլ չեն։ Խուլ չեմ նաև ես։

― Ինչո՞ւ ես ասում խուլ, երբ խոսքը վերաբերում է հոտառությանը, ― հարցրեց Ֆերնանդոն։

― Leche,[80] ― ասաց Պիլարը։ ― Դո՛ւ պիտի պրոֆեսոր լինեիր, և ոչ թե Ingles֊ը։ Բայց ես կարող եմ, Ingles, թվել քեզ այնպիսի բաներ, որոնք դու պարզապես անկարող ես տեսնելու կամ լսելու։ Դու չես կարող լսել այն, ինչ լսում է շունը։ Ոչ էլ կարող ես առնել շան առած հոտը։ Բայց փորձառությամբ արդեն գիտես, թե ինչեր կարող են պատահել մարդուն։

Մարիան ձեռքը դրեց Ռոբերտ Ջորդանի ուսին ու այդպես մնաց։ Վերջացնել է պետք այս անմտությունը, մտածեց Ռոբերտ Ջորդանը, պետք է օգտվել ժամանակի ընձեռած հնարավորություններից։ Բայց թե շուտ է քնելու համար։ Դեռ պետք է ժամանակ սպանել, ուստի և դարձավ Պաբլոյին։

― Դու հավատո՞ւ ես այդ կախարդություններին։

― Չգիտեմ, ― ասաց Պաբլոն։ ― Ես ավելի քո կարծիքին եմ։ Ինձ երբեք ոչ մի գերբնական բան չի պատահել։ Իսկ վախը իհարկե ծանոթ է։ Լավ ծանոթ։ Բայց որ Պիլարը ձեռքի ափի մեջ նայելով կարող է գուշակել, դրան հավատում եմ։ Թերևս այդ հոտն էլ առած լինի, եթե չի ստում։

― Que va, ինչո՞ւ պիտի ստեմ, ― ասաց Պիլարը։ ― Դա իմ հնարած բանը չէ։ Բլանկետը շատ լուրջ մարդ էր, ավելին, շատ հավատացյալ։ Նա գնչու չէր, այլ վալենսիացի բուրժուա։ Չե՞ս տեսել դու նրան։

― Տեսել եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շատ եմ տեսել։ Կարճահասակ, գորշ դեմքով մարդ էր։ Ոչ ոք այդքան վարպետորեն չէր խաղացնում ցլին կատաղեցնող կարմիր կտորը, և շատ թեթևաշարժ էր, կարծես նապաստակ լիներ։

― Ճիշտ է, ― ասաց Պիլարը։ ― Դեմքի գորշությունը սրտից էր, սիրտը լավ չէր, գնչուներն ասում էին, որ մահն անընդհատ պտտվում է նրա շուրջը, իսկ նա ձեռքի կարմիր կտորով հեռու էր վանում, ինչպես փոշին են սրբում սեղանի վրայից։ Եվ չնայած որ գնչու չէր, Խոսելիտոյի մահվան հոտն առել էր Տալավերայում, ցլամարտի ժամանակ։ Բայց ես հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս, որովհետև մանսանիլլայի հոտը լցրել էր օդը։ Բլնակետը այդ դեպքի մասին չկամությամբ էր պատմում, լսողները չէին հավատում, ասում էին ցնորք է, կամ էլ՝ դա Խոսեի թևատակերի քրտնքի հոտն է եղել, որովհետև այդ օրերին Խոսեն բուռն կյանք էր վարում։ Բայց հետագայում Մանոլո Գրաներոյի դեպքն եղավ, և սա արդեն Խուան Լուիս դե լա Ռոսան կարող էր հաստատել։ Ճիշտ է, Խուան Լուիսին առանձնապես չէին հարգում, թեև իր գործի լավ մասնագետն էր։ Լավ էլ կնամոլ էր։ Բլանկետը շատ լուրջ մարդ էր, շատ հանգիստ և բոլորովին անընդունակ սուտ խոսելու։ Հիմա էլ, ահա, ես եմ ասում, որ քո գործընկերոջ վրայից մահվան հոտ եմ առել։

― Ես դրան չեմ հավատում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Նախ որ, դու ասացիր Բլանկետն այդ հոտը առել է ցլամարտն սկսվելուց անմիջապես առաջ։ Հետո, դուք այդ գնացքը հաջողությամբ պայթեցրել եք, Կաշկինն այդ ժամանակ չի սպանվել։ Ինչպե՞ս կարող էիր ուրեմն դու այդ հոտն առնել։

― Դա կապ չունի, ― բացատրեց Պիլարը։ ― Իգնասիո Սանչես Մեխիասից վերջին սեզոնին այնքան ուժեղ էր փչում մահվան հոտը, որ բոլորը խուսափում էին սրճարանում կողքին նստելուց։ Բոլոր գնչուները գիտեին այդ բանը։

― Այդ բոլորը մահվանից հետո հնարած բաներ են, ― առարկեց Ռոբերտ Ջորդանը։ ― Բոլորի համար էլ պարզ էր, որ Սանչես Մեխիասը ընդհուպ մոտեցել է cornada[81]֊ին, որովհետև շատ երկար ժամանակ էր, ինչ չէր մարզվում, որովհետև նրա ոճը ծանր էր ու վտանգավոր, որովհետև կորցրել էր ուժն ու կարողությունը, և արդեն չկային նախկին բնազդական խուսանավումները։

― Անպայման, ― ասաց Պիլարը։ ― Այդ բոլորը ճիշտ են։ Բայց դրա հետ միասին ամեն մի գնչու առնում էր նրանից փչող մահվան հոտը, և երբ նա Վիլլա Ռոսա էր գալիս, Ռիկարդոն և Ֆելիպե Գոնսալեսը թողնում֊հեռանում էին բարի ետևի դռնից։

― Երևի փող են պարտք եղել նրան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Հնարավոր է, ― ասաց Պիլարը։ ― Շատ հնարավոր։ Բայց ճշմարիտ է և այն, որ նրանք ևս առել էին այդ հոտը, և դա բոլորը գիտեին։

― Ինչ որ ասում է, ճիշտ է, Ingles, ―ասաց գնչու Ռաֆայելը։ ― Մերոնց համար դա շատ ծանոթ բան է։

― Ես դրան չեմ հավատում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Լսի՛ր, Ingles, ― սկսեց Անսելմոն։ ― Ես դեմ եմ այդ կախարդություններին։ Բայց բոլորն էլ ասում են, որ այս բաների մեջ Պիլարը շատ է առաջ գնացել։

― Բայց դա ինչի՞ հոտին է նման, ― հարցրեց Ֆերնանդոն։ ― Ի՞նչ բույր է։ Եթե բույր է, ուրեմն պետք է որոշակի բույր լինի։

― Ուզում ես իմանալ, հա՞, Ֆերնանդո, ― ժպտաց Պիլարը։ ― Կարծում ես, որ կկարողանա՞ս այդ հոտն առնել, հա՞։

― Եթե իսկապես գոյություն ունի, ինչո՞ւ ուրիշների նման ես ևս պիտի չկարողանամ։

― Իսկապես, ինչո՞ւ պիտի չկարողանաս, ― ծիծաղելով ասաց Պիլարն ու ծնկերն առավ երկու խոշոր ձեռքերի մեջ։ ― Երբևէ նավի վրա եղե՞լ ես, Ֆերնանդո։

― Ոչ։ Չեմ էլ մտածում լինել։

― Ուրեմն չես կարող իմանալ, որովհետև այդ հոտի մի մասնիկը առաջանում է նավի վրա, փոթորկի ժամանակ, երբ փակում են լուսանցույցները և տախտակամածն սկսում է փախչել ոտիդ տակից, ստամոքսդ դատարկվում է կարծես ու թվում է, թե նվաղում ես։ Այդ պահին, ահա, մոտեցիր լուսանցուցյցի պղնձե բռնակին ու հոտոտա, և դու ինչ֊որ չափով կառնես այդ հոտը։

― Ուրեմն ես դա չեմ իմանա, որովհետև երբեք նավով չեմ ճամփորդի, ― ասաց Ֆերնանդոն։

― Ես նավով մի քանի անգամ ճամփորդել եմ, ― ասաց Պիլարը։ ― Գնացել եմ Մեքսիկա, Վենեսուելա։

― Ուրիշ ի՞նչ հոտ է զգացվում, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ Պիլարը ծաղրալից հայացքը գցեց նրա վրա՝ հպարտությամբ հիշելով հիմա իր ճանապարհորդությունները։

― Դե լավ, Ingles: Սովորի՛ր։ Ճիշտ ես վարվում։ Սովորի՛ր։ Դե լավ։ Դա, ուրեմն, նավի վրայի հոտն էր։ Հիմա լսիր հաջորդը։ Վաղ առավոտյան Մադրիդի Տոլերյան կամրջով իջիր matadero,[82] Մանսանարեսից բարձրացող մառախուղի մեջ կանգնիր թաց սալահատակին և սպասիր պառավներին, որոնք գալիս են այդտեղ լուսաբացին մորթված կենդանիների արյուն խմելու։ Երբ գորշադեմ և դատարկ աչքերով, շալի մեջ փաթաթված այդ պառավներից մեկնումեկը դուրս գա matadero֊յից և նրա այտերին ու ծնոտին խոր ծերության օրերին բռնած մազաթելեր լինեն, ոչ թե սովորական մազեր, այլ մազափնջեր, ինչպես բակլայի պատիճի ծայրին են լինում, բայց ոչ թե սև, այլ սպիտակ և ցից֊ցից կանգնած դժգույն ու անկենդան մոմե երեսին, մոտեցի՛ր նրան, Ingles, մոտեցի՛ր և առ թևերիդ մեջ, գրկի՛ր ամուր ու համբուրի՛ր շրթները, և ինչ֊որ չափով դու դարձյալ կզգաս այն հոտը, կշնչես ու կիմանաս ևս մի մասնիկը։

― Այդ մեկից արդեն ախորժակս փակվեց, ― ասաց գնչուն։ ― Այդ մազափնջերը, չէ դա արդեն չափից դուրս է։

― Էլի ուզո՞ւմ ես ասեմ, ― հարցրեց Պիլարը Ռոբերտ Ջորդանին։

― Անշուշտ, ― ասաց նա։ ― Որ սովորել է, սովորենք։

― Այդ պառավի մազափնջերից սիրտս խառնում է, ― ասաց գնչուն։ ― Պիլար, այդ ինչի՞ց են դրանք առաջ գալիս այդ պառավների մոտ։ Մեզ այդպիսի բան չի լինում։

― Չէ, չի լինում, ― ծաղրեց Պիլարը։ ― Մեզ է լինում, մեզ, պառավներին, որոնք իրենց երիտասարդության օրերին եղել են նուրբ ու սլացիկ, բացառություն են հավերժ ուռած գնչու կանայք, որոնց փորը միշտ իրենցից առաջ է վազում, որպես վկայություն ամուսինների սիրո։

― Ինչո՞ւ ես այդպիսի բաներ խոսում, ― ասաց Ռաֆայելը։ ― Ամոթ է։

― Ախ այդպես, վիրավորվեցիր, հա՞, ― ասաց Պիլարը։ ― Իսկ դու տեսե՞լ ես որևէ գնչուհու, որը ուր որ է ծնելու կամ էլ հենց նոր ծնած չլինի։

― Դու։

― Թո՛ղ, ― ասաց Պիլարը։ ― Վիրավորել ում ասես կարելի է։ Իմ ասածն այն է, որ տարիքը բոլորին էլ ինչ֊որ ձևով այլանդակում է։ Մանրամասնությունների մեջ մտելու կարիք չկա։ Բայց եթե Ingles֊ն ուզում է սովորել տարբերել այդ հոտը, պետք է վաղ առավոտյան գնա matadero:

― Կգնամ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց չեմ համբուրի, կողքովս որ անցեն, կառնեմ հոտը։ Ես էլ Ռաֆայելի նման, զզվում եմ այդ մազափնջերից։

― Համբուրիր մեկնումեկին, ― ասաց Պիլարը։ ― Համբուրիր, Ingles, ի սեր իմացության, համբուրիր մի պառավի, և պահիր այդ հոտը ռունգերիդ մեջ ու վերադարձիր քաղաք, և երբ փողոցի մի աղբարկղում կտեսնես թառամած ծաղիկներ, մխրճիր քիթդ դրանց մեջ ու շնչիր, և թող այդ նոր հոտը խառնվի այն մեկին, որով լցվել էին ռունգերդ։

― Շնչեցի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այդ հոտն էլ առա։

― Հետո, ― ասաց Պիլարը, ― անձրևոտ կամ մառախլապատ մի օր, դա կարևոր է, աշնանը, կարելի է նաև ձմեռնամուտին, շարունակիր քայլել քաղաքի փողոցներով, իջիր Կալլե դե Սալյուդ, մոտեցիր casa de puras[83]֊ներին այն պահին, երբ այնտեղից դույլերով դուրս են բերում և օճառաջրի հետ մայթեզրի առվակները լցնում անպտուղ սիրո ու ծխախոտի թափուկները, շնչիր ու զգա այդ քաղցրավուն ու տարտամ հոտը և շարունակիր ճամփադ, գնա բուսաբանական այգի, այդտեղ, գիշերները, այգու երկաթյա դարպասների, երկաթյա ճաղերի դիմաց, տասը սանտիմից մինչև մեկ պեսետ վարձով նրանք անում են այն ամենը, ինչ ցանկանում է տղամարդը, ամենահասարակ բանից մինչև այն մեծ գործը, որի համար ծնվել ենք մենք, և այդտեղ, թառամած, բայց դեռ արմատախիլ չարված ծաղիկների թմբի վրա, որն ավելի փափուկ է, քան մայթը, կգտնես դեն գցած մի պարկ և դրանից կառնես հոտը խոնավ հողի, թառամած ծաղիկների ու այն ամեն ինչի, որ կատարվել է այդ գիշեր դրա վրա։ Այդ պարկի մեջ իրար են խառնված անկենդան հողի, չորացած ցողունների, թառամած ծաղկաթերթիկների, մարդու մահվան ու մարդու ծնունդի հոտերը։ Հագցրո՛ւ, ահա, այդ պարկը գլխիդ ու փորձիր շնչել։

― Ո՛չ։

― Այո՛, ― ասաց Պիլարը։ ― Հագցրու այդ պարկը գլխիդ ու փորձիր շնչել, և, եթե տակավին մնացել են ռունգերիդ մեջ նախկին հոտերը, դու էլ մեզ նման կճանաչես մահվան հոտը։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ուրեմն ասում ես, որ երբ Կաշկինն այստեղ էր, նրանից այդպիսի հոտ էր գալի՞ս։

― Այո։

― Դե, ― ծանր֊ծանր ասաց Ռոբերտ Ջորդանը, ― ուրեմն ճիշտ եմ վարվել, որ սպանել եմ։

― Ole, ― ասաց գնչուն։ Բոլորը ծիծաղեցին։

― Շատ լավ էր, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Լավ բռնեցիր։

― Բայց, Պիլար, ― ասաց Ֆերնանդոն, ― դու անշուշտ այն կարծիքին չես, որ դոն Ռոբերտոյի նման կրթված մարդն այդ ստոր բաները կանի։

― Ոչ, այդ կարծիքին չեմ, ― համաձայնեց Պիլարը։

― Այդ ամենը շատ նողկալի է։

― Այո, ― համաձայնեց Պիլարը։

― Դու նրա կողմից նման նվաստացուցիչ արարքներ չես ակնկալում, չէ՞։

― Ոչ, ― ասաց Պիլարը։ ― Գնա քնիր, եղա՞վ։

― Բայց, Պիլար․․․ ― շարունակեց Ֆերնանդոն։

― Լռի՛ր, բավական է, ― ասաց հանկարծ չարացած Պիլարը։ ― Ի՞նչ ես քեզ գժի տեղ դրել, ես էլ, բավական է, ինչ խելքս դրեցի ձեզ հետ, փորձում եմ անհասկացողներին բան բացատրել։

― Խոստովանում եմ, ես չեմ հասանում, ― սկսեց Ֆերնանդոն։

― Ո՛չ խոստովանիր, ո՛չ էլ փորձիր հասկանալ, ― ասաց Պիլարը։ ― Ձյունը գալի՞ս է դեռ։

Ռոբերտ Ջորդանը գնաց դեպի քարայրի մուտքը, տապճակը բարձրացրեց ու դուրս նայեց։ Ձյունը դադարել էր, պարզկա, ցուրտ գիշեր էր։ Նայեց ծառերի բների ուղղությամբ՝ համատարած սպիտակ էր, հետո նայեց ծառերի կատարներին, վերև, ջինջ երկնքին։ Շնչեց, թոքերը լցվեցին սուր ու սառն օդով։

Եթե Էլ Սորդոն գնացել է ձի գողանալու, հետքերը կմնան, մտածեց նա։

Տապճակն իջեցրեց ու վերադարձավ ծխամած քարայրը։

― Երկինքը պարզվել է, ― ասաց։ Բուքը դադարել է։

Գլուխ քսաներորդ

Գիշեր էր, հիմա պառկած սպասում էր աղջկան։ Քամին դադարել էր, համատարած ձյան վրա երևում էին անշարժ կանգնած սոճիների բները։ Պառկել էր իր սարքած զսպանակվող մահճակալի վրա փռված տաքուկ ննջապարկում, ոտքերը երկարել, սուր ու սառն օդը խփում էր գլխին և շնչելիս լցվում ռունգերը։ Շորերը հանել էր, կոշիկները փաթաթել շալվարի ու բաճկոնի մեջ և բարձի փոխարեն դրել գլխի տակ, աջ թևի բազուկին կապած ծանր ատրճանակը հիմա ընկել էր կողի տակ։ Ատրճանակը մի կողմ քաշեց, ազատվեց մետաղի սառնությունից, ավելի խոր սուզվեց ննջապարկի մեջ ու շարունակեց նայել ապառաժի սև պատռվածքին, որը քարայրի մուտքն էր։ Երկինքը պարզ էր, ձյան վրա արտացոլվող աստղերի լույսի տակ երևում էին և՛ ծառերի բները, և՛ քարայրը։

Երեկոյան վերցրել էր կացինը, դուրս էր եկել քարայրից ու թարմ ձյան վրայով գնացել էր մինչև բացատի ծայրը և մի մատղաշ եղևնի կտրել։ Խավարի մեջ քարշ տալով բերել էր մինչև քարայրի ուղղաբերձ ապառաժի մոտ։ Այդտեղ, մի ձեռքով ծառի բունը պահած, մյուսով կացինը թեթևակի բարձրացնելով֊իջեցնելով, կտրատել էր ճյուղերը։ Մերկացած բունը գցել էր մի կողմ, գնացել էր քարայր, այնտեղից բերել էր պատի տակ դրված տախտակը, դրանով մաքրել էր ուղղաբերձ ապառաժի տակի ձյունը, հետո մեկ առ մեկ թափ էր տվել եղևնու ճյուղերը ու շարել թռչնի փետուրների դասավորությամբ։ Մերկացած բունը լայնակի դրել էր ոտքերի կողմը, որպեսզի ճյուղերն առաջ չգնան, քարայրից բերած տախտակի կողքից մի մասը կտրել էր, ցցեր սարքել ու շարքով խփել գետնի մեջ՝ ճյուղերի կողքին։ Այնուհետև գնացել էր քարայր, սողոսկել տապճակի կողքով և կացինն ու տախտակը դրել պատի տակ։

― Մահճակալ սարքեցի։

― Ես այդ տախտակը պահում էի դարակներ շինելու համար, դու մահճակալ ես սարքում։

― Ներողություն։

― Դե լավ, ոչինչ, ― ասաց Պիլարը։ ― Էլի կճարենք, սղոցարանում շատ կա։ Ասա տեսնենք, այդ ի՞նչ մահճակալ ես սարքել։

― Այնպիսին, ինչ իմ երկրում։

― Դե ուրեմն քաղցր քուն, ― ասել էր Պիլարը, իսկ Ռոբերտ Ջորդանը բացել էր ուսապարկերից մեկը, հանել էր ննջապարկը, նրանով փաթաթված իրերը նորից դրել ուսապարկը, տապճակի տակով սողոսկելով դարձյալ դուրս էր եկել քարայրից, ննջապարկը փռել էր ապառաժե պատի տակ դարսված ճյուղերի վրա, ոտի կողմը քաշել էր մինչև լայնակի դրված եղևնու բունը։ Գլուխն ընկել էր պատի կողմը։ Հետո վերադարձել էր քարայր, որպեսզի ուսապարկերը տանի, բայց Պիլարն ասել էր․

― Այս գիշեր էլ թող մնա այնտեղ։

― Ժամապահներ չե՞ն լինելու, ― հարցրել էր Ռոբերտ Ջորդանը։ ― Բուքը դադարել է, եկինքը՝ պարզվել։

― Ֆերնանդոն հիմա կգնա, ― ասել էր Պիլարը։

Մարիան քարայրի հեռավոր անկյունում էր, Ռոբերտ Ջորդանը չէր տեսել նրան։

― Բարի գիշեր բոլորին, ― ասել էր նա։ ― Ես գնացի քնելու։

Բոլորն զբաղված էին փայտե սեղաններն ու անմշակ մորթիով ծածկված աթոռները մի կողմ քաշելով և քնելու տեղ բաց անելով օջախի մոտ, ներքնակներ ու վերմակներ էին փռում հատակին։ Միայն Անդրեսն ու Պրիմիտիվոն էին բարձրացրել գլուխներն ու Buenas noches ասել։

Անսելմոն քնած էր արդեն անկյունում, ամողջովին փաթաթված վերմակի ու թիկնոցի մեջ, նույնիսկ քիթը չէր երևում։ Պաբլոն քնել էր նստած տեղը։

― Ուզո՞ւմ ես ոչխարի մորթի տամ, փռիր տակդ, ― ցածրաձայն հարցրել էր Պիլարը Ռոբերտ Ջորդանին։

― Չէ, ― ասել էր։ ― Շնորհակալ եմ։ Պետք չէ։

― Հանգիստ քնիր, ― ասել էր կինը։ ― Ես կսհկեմ պարկերիդ։

Ֆերնանդոն Ռոբերտ Ջորդանի հետ դուրս էր եկել քարայրից և մի պահ կանգնել ու նայել էր, թե ինչպես է նա ննջապարկը փռում։

― Տարօրինակ միտք է ծագել գլխումդ, դոն Ռոբերտո, քնել բաց երկնքի տակ, ― ասել էր Ֆերնանդոն խավարի մեջ՝ թիկնոցով փաթաթված, կարաբինը ձեռքին։

― Ես սովոր եմ։ Բարի գիշեր։

―Հա, եթե սովոր ես։

― Քեզ ե՞րբ են փոխարինելու։

― Չորսին։

― Մինչև չորսը դեռ շատ կա, լավ կսառչես։

― Ես սովոր եմ, ― ասել էր Ֆերնանդոն։

― Հա, եթե սովոր ես, ― քաղաքավարությամբ ասել էր Ռոբերտ Ջորդանը։

― Այո, ― համաձայնել էր Ֆերնանդոն։ ― Արդեն պետք է բարձրանամ։ Բարի գիշեր, դոն Ռոբերտո։

― Բարի գիշեր, Ֆերնանդո։

Այնուհետև հանած շորերը փաթաթել էր, դարձրել էր բարձ, մտել ննջապարկ, ձգվել ու սպասել։ Հիմա ձյան վրայով հայացքը սևեռել էր քարայրի մուտքին և զգում էր ննջապարկի ֆլանելի նուրբ ջերմությունը, եղևնու ճյուղերի զսպանակումը, սպասումից ուժգնացող սրտի տրոփյունը։ Շնչեց, և ռունգերը լցվեցին տակը փռված եղևնու ճյուղերի բույրով, ճմլված ասեղնատերևների եղևնաբույրով և կտրվածքներից վազած խեժի սուր բուրմունքով։ Պիլարը, ասաց ինքն իրեն։ Պիլարը և մահվան հոտը։ Իմ սիրած հոտը սա է։ Սա, նաև նոր հնձած երեքնուկի, և օշինդրի, որ տրորվել է նախիրի կճակների տակ, փայտի ծխի, կրակ տված աշնան տերևների։ Երևի այս մեկը երկրի կարոտի բույրն է, այն որ տարածվում է աշնանը Միսուլայում, երբ վառում են փողոցներում կույտ֊կույտ հավաքված խաշամը։ Ո՞ր հոտը կուզեիր առնել այս պահին։ Բուրումնավետ այն խոտի՞, որն հնդկացիները դնում են զամբյուղի հատակին։ Ծխահարված կաշվի՞։ Գարնան անձրևից հետո գետնից բարձրացող բո՞ւյրը։ Ծովի՞, որ լցվում է ռունգերդ, երբ քայլում ես Գալիսիայի ափամերձ որոճների միջով։ Քամո՞ւ, որ գիշերները փչում է Կուբայից և բերում ծաղկած կակտուսի, միմոզայի ու ծովախաղողի բույրը։ Գուցե կնախնտրեիր տապակած բեկոնի՞ հոտը, որն առավոտյան սոված փորիդ խփում էր քթիդ, գուցե սուրճի՞, կամ Ջոնաթան խնձորի՞, որ առնում ես ատամներիդ տակ։ Գուցե տակավին հնձանում գտնվող մրգահյութի՞ կամ փռից նոր հանած հացի՞։ Երևի սովածացել ես, ասաց ինքն իրեն և շուռ եկավ կողքի ու նորից սկսեց նայել քարայրի մուտքին, որ լուսավորվել էր ձյան վրա աստղերի արտացոլքից։

Տապճակի տակից մեկը դուրս եկավ, կանգնեց ժայռի պատռվածքի մեջ, որը քարայրի մուտքն էր, քիչ անց գլգլոց լսվեց, հետո մուտքի մեջ կանգնած մարդը նորից անցավ տապճակի ետևը։

Կարծում եմ մինչև բոլորը չքնեն, չի գա, մտածեց։ Ժամանակն իզուր կորչում է։ Գիշերվա կեսն է արդեն։ Ա՜խ, Մարիա՛։ Շուտ արի, Մարիա՛, որովհետև ժամանակը քիչ է։ Լսվեց ծառի ճյուղից հատակին ընկած ձյան մեղմ ձայնը։ Թեթև քամի էր բարձրացել։ Դեմքի վրա զգաց քամու շոյանքը։ Մի պահ, հանկարծ, խուճապի մատնվեց, որ աղջիկը կարող է և չգալ։ Քամին հիշեցրեց, որ առավոտը մոտ է։ Քամու հետ ավելացավ նաև սոճիների տարուբերվող կատարներից թափվող ձյան աղմուկը։

Արի՛ արդեն, Մարիա՛։ Շուտ արի, խնդրում եմ, ասաց ինքն իրեն։ Ախ արի՛, արի՛։ Մի՛ սպասիր։ Ի՞նչ կարևոր է հիմա քնել են նրանք, թե ոչ։

Հետո տեսավ, թե ինչպես քարայրի մուտքը ծածկող տապճակի տակից Մարիան դուրս եկավ։ Մի պահ մնաց կանգնած։ Ռոբերտ Ջորդանը գիտեր, որ նա էր, բայց չէր հասկանում, թե ինչո՞ւ է կանգնել֊մնացել։ Շատ ցածր ձայնով սուլեց, բայց նա շարունակում էր ժայռի ստվերին կանգնած ինչ֊որ բան անել։ Հետո ձեռքին մի բան պահած, երկար սրունքները գցելով՝ ձյան վրայով վազելով եկավ։ Ննջապարկի մոտ չոքեց, գլուխը ուժեղ խփվեց Ռոբերտ Ջորդանի գլխին, սկսեց ոտներից ձյունը սրբել, համբուրել տղային և ձեռքի կապոցը տվեց նրան։

― Սա էլ դիր բարեիդ տակ, ― ասաց։ ― Ներսում հանվեցի, որ ժամանակ շահենք։

― Բոբի՞կ ես եկել։

― Այո, ― ասաց աղջիկը, ― և հագիս միայն հարսնական շապիկս է։

Ռոբերտ Ջորդանը նրան առավ թևերի մեջ ու ամուր սեղմեց, իսկ աղջիկը գլուխը քսում էր նրա ծնոտին։

― Ոտներիս մի դիպչի, ― ասաց աղջիկը։ ― Շատ սառն են, Ռոբերտո։

― Մոտ բեր, տաքացնեմ։

― Չէ, ― ասաց նա։ ― Իրենք իրենց կտաքանան շուտով։ Բայց դու ինձ ասա, հիմա, արագ, ասա, որ սիրում ես ինձ։

― Սիրում եմ քեզ։

― Լավ է։ Լավ։ Լավ։

― Սիրում եմ քեզ, փոքրիկ նապաստակ։

― Իսկ հարսնական շապի՞կս, սիրո՞ւմ ես։

― Դա նույն երեկվա շապի՞կն է։

― Այո։ Երեկ գիշերվա։ Հարսնական շապիկս է։

― Ոտներդ մոտիկ բեր։

― Չէ։ Լավ է։ Իրենք իրենց կտաքանան։ Ես չեմ զգում սառնությունը։ Դրսից են միայն սառն, այն էլ ձյան վրա քայլելուց էր։ Նորից ասա։

― Սիրում եմ քեզ, փոքրիկ նապաստակս։

― Ես քեզ նույնպես, սիրում եմ, ես քո կինն եմ։

― Քնե՞լ էին արդեն բոլորը։

― Չէ, ― ասաց աղջիկը։ ― Բայց այլևս չէի կարողանում դիմանալ։ Իսկ կարևո՞ր է դա։

― Բոլորովին, ― ասաց նա և գրկեց ու սեղմեց աղջկա բարակ, երկար ու հրաշալի տաք մարմինը։ ― Սրանից բացի ոչ մի բան կարևորություն չունի։

― Դիր ձեռքդ գլխիս, ― ասաց աղջիկը, ― ու թող տեսնեմ կարողանո՞ւմ եմ համբուրել քեզ։ Լա՞վ էր, ― հարցրեց։

― Այո, ― ասաց նա։ ― Հանիր հարսնական շապիկդ։

― Պե՞տք է հանեմ։

― Այո, եթե չես մրսում։

― Que va: Ի՞նչ մրսել։ Վառվում եմ։

― Ես նույնպես։ Իսկ հետո չե՞ս մրսի։

― Չէ։ Հետո մենք կդառնանք ոնց որ անտառի մի գազան, մեկ հոգի, և այնքան մոտիկ մեկս մյուսին, որ հնարավոր չի լինի որոշել, թե որը որն է։ Դու չե՞ս զգում՝ իմ սիրտը կարծես քո սիրտը լինի։

― Այո։ Ոչ մի տարբերություն։

― Հիմա զգացի՞ր, ես դու եմ, իսկ դու՝ ես, և մեզնից յուրաքանչյուրը մյուսն է։ Եվ ես սիրում եմ քեզ, այնպես եմ, ախ սիրում։ Մենք իսկապես մեկ հոգի չե՞նք։ Դու դա չե՞ս զգում։

― Զգում եմ, ― ասաց նա։ ― Իրոք այդպես է։

― Իսկ հիմա ականջ դիր։ Քո սիրտը չկա, կա միայն իմը։

― Ոչ էլ սրունքները կան, ոտքերը, մարմինը։

― Բայց և այնպես տարբեր ենք, ― ասաց աղջիկը։ ― Իսկ ես կուզեի, որ ճիշտ ու ճիշտ նույնը լինեինք։

― Երևի ուրիշ բան ես ուզում ասել։

― Ոչ։ Հենց դա։ Ուզում եմ։ Հենց դա էի ուզում ասել։

― Երևի ուրիշ բան ես ուզում ասել։

― Գուցե, ― ասաց աղջիկը ցածրաձայն՝ շրթունքները հպած Ռոբերտ Ջորդանի ուսերին։ ― Սակայն դա էի ուզում ասել։ Իսկ քանի որ տարբեր ենք, ապա ուրախ եմ, որ դու Ռոբերտոն ես, ես՝ Մարիան։ Բայց եթե երբևէ ցանկանաս փոխվել, ես հաճույքով կփոխվեմ քեզ հետ։ Ես կդառնամ դու, որովհետև շատ֊շատ եմ սիրում քեզ։

― Ես չեմ ուզում փոխվել։ Ավելի լավ է մեկ և նույն հոգին մնալ ու յուրաքանչյուրը թող լինի այն, ինչ ինքն է։

― Բայց մենք հիմա կդառնանք մեկ հոգի և այլևս երբեք չենք բաժանվի։ ― Հետո ասաց։ ― Ես կդառնամ դու, երբ դու այստեղ չես լինի։ Այնպես եմ սիրում քեզ, ախ, այնպե՜ս եմ ուզում գուրգուրել քեզ։

― Մարիա՛։

― Այո՛։

― Մարիա՛։

― Այո՛։

― Մարիա՛։

― Այո՛, այո՛, սիրելի՛ս։

― Չե՞ս մրսում։

― Ո՛չ, ո՛չ։ Դու ուսերդ ծածկիր։

― Մարիա՛։

― Խոսել չեմ կարող։

― Մարիա՛։ Ա՜խ, Մարիա՛։ Մարիա՛։

Դրսում ցուրտ գիշեր էր, տաքուկ ննջապարկում իրար սեղմված պառկել էին հիմա, և աղջիկը, խաղաղ ու երջանիկ, գլուխը հպած Ռոբերտ Ջորդանի այտին, ցածրաձայն ասաց․

― Իսկ դո՞ւ։

― Como tu[84] ― ասաց նա։

― Այո, ― ասաց աղջիկը։ ― Բայց ցերեկվա նման չէր։

― Չէր։

― Բայց սա ավելի լավ է։ Կարիք կա՞ մահվան դուռը հասնելու։

― Ojala no, ― ասաց նա։ ― Հույս ունեմ, որ չկա։

― Ես դա նկատի չունեմ։

― Գիտեմ։ Գիտեմ, թե ինչը նկատի ունես։ Մենք նույն բանը նկատի ունենք։

― Հապա ինչո՞ւ շուռ տվեցիր, ինչո՞ւ չասացիր այն, ինչ նկատի ունեմ։

― Տղամարդիկ այդպես են, տարբերվում են։

― Եթե այդպես է, ուրեմն ուրախ եմ, որ մենք տարբեր մարդիկ ենք։

― Ես նույնպես, ― ասաց նա։ ― Ես հասկացել էի, թե դու որ մեռնելը նկատի ունես, բայց տղամարդու սովորությամբ այդպես ասացի։ Ես նույնն եմ զգում, ինչ դու։

― Ինչպիսին էլ լինես, ինչպես էլ խոսես, հենց իմ ուզածն ես։

― Սիրում եմ քեզ, սիրում եմ և քո անունը, Մարիա։

― Սովորական անուն է։

― Ոչ, ― ասաց նա։ ― Սովորական չէ։

― Իսկ հիմա չքնե՞նք, ― ասաց աղջիկը։ ― Ես հենց աչքերս փակեցի, կքնեմ։

― Քնենք, ― ասաց նա և զգաց, թե ինչպես իր կողքի այդ երկար ու թեթև մարմինը ջերմությամբ ու հեշտանքով էր համակում էությունը, լանջերի, ուսերի, ոտքերի հասարակ, բայց կարծես կախարդական հպումով խորտակում էր մենակության զգացումը և կանգնում էր իր կողքին՝ մահվան դեմ֊հանդիման։ ― Քնի՛ր, հանգիստ քնի՛ր, փոքրիկ երկարասրունք նապաստակ։

― Ես արդեն քնում եմ։

― Ես էլ հիմա կքնեմ, ― ասաց նա։ ― Հանգիստ քնիր, սիրելիս։ ― Հետո քնեց և երջանիկ էր։

Բայց գիշերվա մի պահի արթնացավ և ամուր գրկեց աղջկան, կարծես դա իր ամբողջ կյանքն էր և որը խլում էին իրենից։ Գրկել էր և այնպիսի զգացողություն ուներ, որ նրա մեջ էր իր ողջ կյանքը, և դա իրոք այդպես էր։ Բայց աղջիկը չարթնացավ, նա հանգիստ ու խոր քնել էր։ Շրջվեց կողքի, ննջապարկի բերանը ծալեց, ծածկեց աղջկա գլուխը, համբուրեց վիզը, ատրճանակի կապը քաշեց, ատրճանակը դրեց կողքին՝ ձեռքի տակ, հետո ձգվեց և գիշերային լռության մեջ սկսեց մտածել։

Գլուխ քսանմեկերորդ

Լուսաբացին տաք քամի փչեց, նա լսեց ծառերից թափվող հալվող ձյան խուլ ձայնը։ Ուշ գարնանային առավոտ էր։ Երբ շնչեց, անմիջապես հասկացավ, որ ձյունահողմը լոկ մեկ քմայքն էր այդ լեռների և խոր ձյունը մինչև կեսօր կհալչի։ Հետո վարգող ձիու ոտնաձայներ լսեց։ Խոնավ ձյունով ծանրացած սմբակների դոփյուն էր գալիս։ Լսեց կարաբինի պատյանի շխկոց, կաշվի ճռռոց։

― Մարիա, ― ասաց ու ցնցեց աղջկա ուսը, որպեսզի արթնացնի։ ― Ննջապարկից դուրս չգաս։ ― Սկսեց մի ձեռքով շապիկը կոճկել, մյուսով վերցրեց ատրճանակը և բթամատով ապահովիչը իջեցրեց։ Հետո տեսավ, որ աղջկա խուզված գլուխը արագ անհայտացավ ննջապարկում, քիչ անց տեսավ ծառերի արանքով առաջ շարժվող մի ձիավոր։ Կուչ եկավ ննջապարկում, երկու ձեռքով ատրճանակը պահած նշան բռնեց մոտեցող մարդու վրա։ Այդ մարդուն մինչ այդ երբեք չէր տեսել։

Ձիավորն հիմա համարյա իր դիմացն էր։ Տակին մոխրագույն, հսկա մի յաբու էր, գլխին խակի գույնի բերետ էր, ուսերին պոնչոյանման թիկնոց էր գցած, ոտքերին սապոգներ էին։ Աջից ավտոմատ հրացան էր կախված թամբից, երևում էր պատյանից դուրս մնացած կոթը։ Ձիավորը երիտասարդ էր, դեմքը՝ խիստ, և հենց այդ պահին էլ նա տեսավ Ռոբերտ Ջորդանին։

Նա ձեռքը երկարեց դեպի պատյանը, և երբ կռացավ, որպեսզի վերցնի հրացանը, նրա ձախ կրծքին Ռոբերտ Ջորդանը տեսավ Քրիստոսի սիրտը խորհրդանշող կարմիր ծանուցանիչը։

Ռոբերտ Ջորդանը նշան բռնեց ուղիղ նրա կրծքի կենտրոնին, ծանուցանիշից քիչ ցած։

Ատրճանակի կրակոցի ձայնը դղրդալով տարածվեց ձյունապատ անտառում։

Ձին, կարծես խթանված, սլացավ, իսկ երիտասարդը, որ կռացել էր հրացանը հանելու, սահեց ու ցած ընկավ։ Մի ոտքը մնացել էր ասպանդակի մեջ։ Ձին վազում էր ծառերի արանքներով՝ քարշ տալով բերանքսիվայր ընկած ձիավորին։ Ռոբերտ Ջորդանը դուրս թռավ ննջապարկից՝ ատրճանակը հիմա արդեն մի ձեռքի մեջ պահած։

Մոխրագույն հսկա ձին քառատրոփ գնում էր ծառերի արանքներով։ Քարշվող ձիավորի մարմնի հետքը նեղ շավիղով ձգվում էր ձյան վրա՝ կողքին կարմիր մի գիծ։ Մարդիկ քարայրից դուրս եկան։ Ռոբերտ Ջորդանը բացեց բարձը, հանեց շալվարն ու սկսեց հագնվել։

― Հագնվի՛ր, ― ասաց Մարիային։

Գլխավերևում շատ բարձրից թռչող օդանավի ձայն լսեց։ Ծառերի արանքով տեսավ, թե որտեղ է կանգ առել մոխրագույն ձին՝ կողքին երեսնիվայր կախ ընկած հեծյալը։

― Գնա բռնիր այդ ձին, ― ասաց դեպի իր կողմը եկող Պրիմիտիվոյին։ Հետո հարցրեց․ ― Ո՞վ էր բարձունքի պահակակետում։

― Ռաֆայելը, ― ասաց Պիլարը քարայրի մուտքից, որտեղ կանգնել էր նա մազերի երկու հյուսքերը թիկունքն ի վար կախված։

― Հեծյալ պարեկներ են շրջում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դուրս բերեք ձեր այդ գրողի տարած գնդացիրը։

― Ագուստի՛ն, ― ձայն տվեց Պիլարը քարայրում գտնվող մարդուն, հետո շրջվեց, գնաց ներս, քիչ անց երկու հոգի դուրս եկան քարայրից, մեկի ուսին գնդացիրն էր՝ եռոտանին ցցված օդում, մյուսի ձեռքին սկավառակներով լեցուն պարկը։

― Դու գնա իրենց հետ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին։ ― Կպառկես գնդացրի կողքին ու ոտները կպահես, որպեսզի չշարժվի։

Անտառի արահետով երեքը միասին վազեցին դեպի վերև։

Արևը լեռների այն կողմն էր տակավին։ Ռոբերտ Ջորդանն ուղղվեց, սկսեց կոճկել շալվարը, հետո ձգեց գոտին։ Ատրճանակը, որը դեռևս կապված մնացել էր բազուկին, դրեց գոտուն ամրացված պատյանի մեջ, իսկ կապը գցեց վզին։

Մի օր հենց այս կապով էլ կխեղդեն քեզ, մտածեց նա։ Իսկ սա իրենն արեց։ Նա պատյանից հանեց ատրճանակը, պահունակը դուրս քաշեց, պատյանի վրայի փամփշտակալից մի փամփուշտ վերցրեց, դրեց արձակվածի տեղն ու պահունակը նորից ետ իր տեղը հրեց։

Ծառերի արանքով նա հիմա նայում էր Պրիմիտիվոյին, որը մի ձեռքով ձիու սանձն էր պահել, մյուսով փորձում էր սպանված հեծյալի ոտքը դուրս քաշել ասպանդակից։ Սպանվածը երեսնիվայր կախված էր ձյան վրա, և իրեն թվաց, որ Պրիմիտիվոն նրա գրպաններն է ստուգում։

― Վերջացրո՛ւ, ― գոռաց նա։ Ձին բեր։

Չոքեց, որպեսզի պարանե ներբանով կոշիկներն հագնի, և ծունկը դիպավ Մարիային, որը ննջապարկում շորերն էր հագնում։ Աղջկա գոյությունը լրիվ մոռացել էր։

Այդ ձիավորի մտքով բոլորովին չէր անցնում, որ այսպիսի բան կարող է պատահել, մտածեց նա։ Նա ոտնահետքեր չէր որոնում, տագնապելու ոչ մի պատճառ երևի չուներ, որ այդպես, առանց որևէ բանից զգուշանալու հանգիստ առաջ էր գնում։ Նա չէր նկատել նույնիսկ բարձունքի պահակակետը տանող ոտնահետքերը։ Հավանաբար այս սարերում պարեկող հեծելազորայիններից մեկն էր։ Հիմա որ տեսնեն ուշացավ, հետքը կբռնեն ու կգան։ Եթե ձյունը մինչև այդ չհալչի ու հետքերը չկորչեն, մտածեց նա, կամ եթե իրենց՝ պարեկներին մի բան չպատահի։

― Դու լավ կանես, ― ասաց Պաբլոյին, ― գնաս ներքև։

Բոլորը դուրս էին եկել և հրացանները ձեռքներին, նռնակները գոտիներից կախած կանգնել էին քարայրի դիմաց։ Պիլարը Ռոբերտ Ջորդանին երկարեց նռնակներով լցված կաշվե պայուսակը, նա վերցրեց երեք նռնակ ու տեղավորեց գրպաններում։ Հետո մտավ քարայր, գտավ ուսապարկերը, բացեց այն մեկը, որի մեջ ավտոմատն էր, հանեց միմյանցից անջատված կոթն ու փողը, միացրեց, մի պահեստատուփը հագցրեց տեղը, երեք հատ էլ դրեց գրպանը։ Ուսապարկը կողպեց ու գնաց դեպի դուռը։ Այս էլ քեզ երկու գրպան երկաթեղեն, մտածեց նա։ Հուսանք, որ կարերը կդիմանան։ Քարայրից դուրս եկավ ու Պաբլոյին ասաց․

― Ես գնում եմ վերև։ Ագուստինը գիտի՞ գնդացրից կրակել։

― Այո, ― ասաց Պաբլոն։ Նա նայում էր Պրիմիտիվոյին, որը ձին ետևը գցած գալիս էր դեպի իրենց կողմը։ ― Mira que caballo, ― ասաց նա։ ― Տե՛ս, ի՜նչ ձի է։

Մոխրագույն հսկան քրտնած էր ու սրթսրթում էր։ Ռոբերտ Ջորդանը թփթփացրեց ձիու վզակոթը։

― Տանեմ մյուսների մոտ, ― ասաց Պաբլոն։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ոտնահետքերը այստեղ են բերում։ Հիմա պետք է այնպես անենք, որ այստեղից տանեն։

― Ճիշտ ես, ― համաձայնեց Պաբլոն։ ― Կքշեմ կհեռանամ, հետո, երբ ձյունը հալչի, կբերեմ մյուսների մոտ։ Այսօր, Ingles, դու շատ խելացի ես։

― Մեկի ուղարկիր ներքև, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ մենք պետք է վերև գնանք։

― Կարիք չկա, ― ասաց Պաբլոն։ ― Այդ կողմերով ձիավորներն անցնել չեն կարող։ Բայց մենք կարող ենք, մենք կարող ենք և՛ այդտեղով, և՛ էլի երկու ուրիշ ճանապարհներով։ Եկեք, ավելի լավ է, այնպես անենք, որ ավելորդ հետքեր չթողնենք, եթե պատահի, որ ինքնաթիռներ գան։ Պիլար, գինու bota֊ն տուր։

― Որպեսզի հարբես ու անջատվես, ― ասաց Պիլարը։ ― Դրա փոխարեն սրանք վերցրու։ ― Պաբլոն ձեռքը գցեց, երկու նռնակ առավ ու տեղավորեց գրպաններում։

― Que va, հարբես, ― ասաց Պաբլոն։ ― Ծանր է, ծանր է վիճակը։ Տուր, տուր bota֊ան։ Սա ջրի բան չէ։ Թևերը բարձրացրեց, սանձն առավ ձեռքն ու թռավ֊նստեց թամբին։ Խնդմնդաց, շոյեց անհանգիստ ձիուն։ Ռոբերտ Ջորդանը տեսավ, թե ինչպիսի քնքշանքով նա սրունքները սեղմեց ձիու լանջերին։

― Que caballo mas bonito,[85] ― ասաց նա ու նորից շոյեց մոխրագույն հսկային։ ― Que caballo mas hermoso:[86] Գնանք։ Ինչքան շուտ հեռանանք, այնքան լավ։

Կռացավ, պատյանից հանեց թեթև ավտոմատը, որն իրականում գնդացիր էր՝ հարմարեցված ատրճանակի իննմիլիմետրանոց փամփուշտներին։

― Տես ոնց են զինված, ― ասաց նայելուց հետո։ ― Տես ինչ ժամանակակից հեծելազոր ունեն։

― Դա է այդ ժամանակակից հեծելազորը, տես ոնց է երեսնիվայր պառկել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Vamonos: Անդրես, դու ձիերը թամբիր ու պատրաստ սպասիր։ Եթե կրակոց լսես, ձիերը կառնես ու կգաս դեպի անտառի կածանը։ Զենք վերցրու, ձիերին թող կանայք հետևեն։ Ֆերնանդո, տես պարկերս չմնան։ Գլխավորը դրանք են։ Դու էլ հետևիր պարկերին, ― ասաց Պիլարին։ ― Ստուգիր, տես, որ չմնան, դրանք պետք է բերվեն։ Vamonos, ― ասաց։ ― Գնացինք։

― Մենք Մարիայի հետ ինչ֊որ անհրաժեշտ է այստեղից տանել կպատրաստենք, ― ասաց Պիլարը։ Հետո գլխով ցույց տվեց Պաբլոյին, որ նախրորդի նման ծանր֊ծանր հեծել էր մոխրագույն, վախից պնչերը լայնացած ձին և ավտոմատի պահեստատուփն էր տեղավորում։ ― Նայի՛ր, տեսնո՞ւմ ես ոնց է շուռ տվել դրան այդ ձին։

― Երկու հատ այդպիսի ձի պիտի ունենայի, ― ոգևորված ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Փորձանք է քո այդ ձին։

― Որ այդպես է ջորիով կգոհանամ, ― քմծիծաղեց Ռոբերտ Ջորդանը։ ― Դրա գրպանները մաքրեք, ― ասաց Պիլարին, գլխով ցույց տալով ձյան վրա երեսնիվայր ընկած մարդուն, ― և ինչ գտնվի՝ նամակ լինի, թուղթ, դրեք ուսապարկիս դրսի գրպանը։ Ինչ գտնվի, հասկացա՞ր։

― Այո։

― Vamonos:

Պաբլոն գնում էր առջևից, երկու տղամարդիկ հետևում էին նրան և խուսափելով ավելորդ հետքեր թողնելու վտանգից, գնում էին իրար ետևից։ Ռոբերտ Ջորդանը ավտոմատը գցել էր ուսը, փողն արել էր դեպի գետին ու ձեռքով պահել էր առջևի կանթից։ Եթե սպանվածի ավտոմատի փամփուշտները համընկնեին սրան, մտածեց նա։ Բայց չեն համընկնի։ Նրանը գերմանական է։ Սա Կաշկինինն էր, ծերուկինը։

Արևը բարձրացել էր սարերի թիկունքից։ Տաք քամի էր փչում, և ձյունը հալչում էր։ Ուշ գարնան հաճելի առավոտ էր։

Ռոբերտ Ջորդանը նայեց ետ ու տեսավ Մարիային, որ հիմա կանգնած էր Պիլարի կողքին։ Աղջիկը վազեց դեպի արահետը։ Ռոբերտ Ջորդանը ոտը կախ գցեց, որպեսզի Պրիմիտիվոն առաջ ընկնի։

― Ասա՛, ես կարո՞ղ եմ քեզ հետ գալ, ― ասաց աղջիկը։

― Ո՛չ։ Պիլարին օգնիր։

Աղջիկը ձեռքը դրել էր նրա թևին ու գնում էր ետևից։

― Ո՛չ։

― Աղջիկը շարունակեց կիպ քայլել ետևից։

― Ես կարող եմ գնդացրի ոտները պահել, այն, ինչ ասում էիր Անսելմոյին։

― Դու ոչ մի ոտ էլ չես պահի։

Աղջիկը հավասարվեց նրան ու ձեռքը տարավ գրպանը։

― Ոչ, ― ասաց նա։ ― Ավելի լավ է դու հոգ տանես քո հարնսության շապիկին։

― Դե քանի որ գնում ես, համբուրի՛ր ինձ, ― ասաց աղջիկը։

― Դու ամոթ չունես, ― ասաց նա։

― Չունեմ, ― ասաց աղջիկը։ ― Բոլորովին։

― Ետ դարձիր։ Մենք շատ գործ ունենք։ Կարող է դեռ մարտ էլ մղենք, եթե ձիու հետքերով գան։

― Լսի՛ր, ― ասաց աղջիկը։ ― Դու տեսա՞ր նրա կրծքի նշանը։

― Տեսա։ Իհարկե տեսա։

― Քրիստոսի սիրտն էր։

― Այո։ Բոլոր նավառացիների կրծքին էլ այդ նշանն է։

― Եվ դու կրակեցիր դրան։

― Ոչ։ Մի քիչ ցած։ Դե բավական է, ետ դարձիր։

― Լսի՛ր, ― ասաց աղջիկը։ ― Ես ամեն ինչ տեսա։

― Դու ոչ մի բան չտեսար, ի՞նչ տեսար։ Ինչ֊որ մա՞րդ։ Ինչ֊որ հեծյա՞լ։ Vete: Ետ դարձիր։

― Ասա, որ սիրում ես ինձ։

― Ո՛չ։ Հիմա՝ ո՛չ։

― Հիմա չե՞ս սիրում։

― Dejamos:[87] Ետ դարձիր։ Հասկացի՛ր, հնարավոր չէ միևնույն պահին սիրել և գործ անել։

― Ես հիմա կգամ քեզ հետ ու երբ դու սկսես կրակել, գնդացրի ոտները կպահեմ, հետն էլ քեզ կսիրեմ։

― Դու խելագար ես։ Հենց հիմա ետ դարձիր։

― Ես խելագար չեմ, ― ասաց աղջիկը։ ― Ես սիրում եմ քեզ։

― Ուրեմն ետ դարձիր։

― Լավ։ Կգնամ։ Իսկ եթե դու ինձ չես սիրում, իմացիր, ես քեզ այնքան եմ սիրում, որ երկուսիս էլ բավական է։

Նա նայեց աղջկան ու ժպտաց՝ շարունակելով մնալ իր մտքերի հետ։

― Եթե կրակոց լսեք, ― ասաց նա, ― ձիերն առեք եկեք։ Պիլարին օգնիր, որպեսզի ուսապարկերս տեղ հասցնի։ Հնարավոր է, որ ոչինչ էլ չլինի։ Հույս ունեմ, որ չի լինի։

― Գնացի, ― ասաց աղջիկը։ ― Տես ինչ ձի է հեծել Պաբլոն։

Մոխրագույն հսկան գնում էր դեպի վեր։

― Գնա։ Այո։ Դե գնա։

― Գնացի։

Աղջկա կծկված բռունցքը Ռոբերտ Ջորդանի գրպանում ուժեղ սեղմվեց ազդրին։ Նա նայեց աղջկան՝ նրա աչքերի մեջ արցունքներ կային։ Նա բռունցքը հանեց գրպանից, երկու թևերով փարվեց Ռոբերտ Ջորդանի վզին ու համբուրեց։

― Գնացի, ― ասաց աղջիկը։ ― Me voy: Գնացի։

Ռոբերտ Ջորդանը նայեց ետ և տեսավ, որ աղջիկը կանգնել մնացել էր այնտեղ, առավոտյան արևի առաջին շողերն ընկել էին նրա թուխ դեմքի, ոսկեշեկ մազերի վրա։ Աղջիկը բռունցքը բարձրացրեց, ողջունեց իրեն, հետո շրջվեց ու գլուխը կախ արահետով իջավ։

Պրիմիտիվոն դարձավ, նայեց աղջկա ետևից։

― Սիրուն աղջիկ կլիներ, եթե մազերն այդպես կարճ չխուզեին, ― ասաց նա։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա ուրիշ բանի մասին էր մտածում։

― Անկողնում ո՞նց է, ― հարցրեց Պրիմիտիվոն։

― Ի՞նչ։

― Անկողնում։

― Բերանդ քեզ արա։

― Ի՞նչ ես նեղանում, երբ․․․

― Վերջացրո՛ւ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա զննում էր տեղանքի դիրքը։

Գլուխ քսաներկուերորդ

― Սոճու ճյուղեր կտրտիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Պրիմիտիվոյին, ― և արագ բեր այստեղ։ Գնդացրի տեղը, ― ասաց Ագուստինին, ― ինձ դուր չի գալիս։

― Ինչո՞ւ։

― Դիր այնտեղ, ― Ռոբերտ Ջորդանը մատով ցույց տվեց տեղը։ ― Հետո կասեմ, թե ինչու։ Այդպես։ Սպասիր օգնեմ։ Այսպես, ― ասաց ու պպզեց։

Երկարավուն, նեղ ճեղքի միջով նա նայեց երկու կողմի ժայռերի բարձրությանն ու ինչ֊որ հաշվարկ արեց։

― Ավելի հեռու պետք է դնել, ― ասաց նա։ ― Մի քիչ էլ։ Լավ է։ Թող առայժմ այսպես մնա, հետո ոնց որ պետք է, այնպես էլ կանենք։ Այսպես։ Քարեր բեր։ Մեկը դիր այստեղ։ Մեկն էլ կողքը։ Տեղ թող, որպեսզի փողը ազատ շարժվի։ Քարը մի քիչ մոտ քաշիր։ Անսելմո, գնա քարայրից կացինը բեր։ Արագ։ Բա դուք գնդացրի համար խրամատ չե՞ք ունեցել, ― ասաց Ագուստինին։

― Միշտ այստեղ ենք դրել։

― Կաշկինը ձեզ չի՞ ասել, որ սա հարմար տեղ չէ։

― Ոչ։ Գնդացիրը բերել են նրա գնալուց հետո։

― Բերողը չէ՞ր իմանում դրա գործածությունը։

― Ոչ։ Բեռնակիրները բերին։

― Այ թե գործ են անում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բերեցին, տվեցին ու վերջ, հա՞, առանց որևէ հրահանգի։

― Հա, բերեցին ու տվեցին, ոնց որ նվեր են տալիս։ Մեկը մեզ, մեկն էլ Էլ Սորդոյին։ Չորս հոգի էին։ Անսելմոն էլ առաջնորդն էր։

― Զարմանալի է, ոնց էլ չորս հոգով անվնաս անցել են ռազմաճակատի գիծը։

― Իմ մտքով էլ անցավ այդ բանը, ― ասաց Ագուստինը։ ― Ասացի սրանց ուղարկողը մտածել է, որ կգնան֊կկորչեն, բայց Անսելմոն բերել ու բարեհաջող տեղ է հասցրել։

― Դու օգտագործման ձևը գիտե՞ս։

― Այո։ Մի քանի անգամ փորձել եմ։ Գիտեմ։ Պաբլոն էլ գիտի։ Պրիմիտիվոն էլ։ Գիտի նաև Ֆերնանդոն։ Քարայրում քանդել ու հավաքել ենք սեղանի վրա։ Մի անգամ երկու օր չէինք կարողանում հավաքել։ Վերջերս ձեռք չենք տվել։

― Հիմա կրակո՞ւմ է։

― Այո։ Բայց չենք թողնում, որ գնչուն ու մյուսները հետը խաղ անեն։

― Հիմա նայիր։ Տես, թե ինչու ձեր դրած տեղը հարմար չէ։ Տեսնո՞ւմ ես այս երկու կողմի ժայռերը, սրանք այնքան մեզ չեն պաշտպանում, ինչքան թևերից մեզ վրա հարձակվողներին։ Այս տիպի գնդացրի համար պետք է այնպիսի դիրք ընտրել, որ կրակի տակ առնվող տարածությունը հարթ լինի։ Որպեսզի կարողանաս թևերին էլ կրակել։ Տեսնո՞ւմ ես։ Նայիր։ Հիմա մենք այդ ամբողջ տարածության վրա իշխում ենք։

― Տեսնում եմ, ― ասաց Ագուստինը։ ― Բանն այն է, որ մենք երբեք չենք պաշտպանվել, միշտ հարձակվել ենք, բացի այն կռվից, երբ մեր քաղաքը գրավեցին։ Գնացքի ժամանակ զինվորներն էին maquina֊յից կրակում։

― Ուրեմն հիմա բոլորս միասին կսովորենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ընդամենը մի քանի բան է, որ պիտի հետևենք, որպեսզի ճիշտ կատարվի։ Իսկ գնչուն ո՞ւ ր է, նա այստեղ պետք է լիներ։

― Չգիտեմ։

― Իսկ որտե՞ղ կարող է լինել։

― Չգիտեմ։

Պաբլոն գնացել֊հասել էր կիրճը, հետո եկել ու շրջան էր անում հարթ բացատում, որի վրա ուղղված էր գնդացիրը։ Ռոբերտ Ջորդանը հայացքով հետևում էր նրան, նա նորից քշեց ցած՝ դեպի կիրճը, վերև բերող ոտնահետքերի կողքին ներքև տանող հետքեր թողնելով։ Հասավ ծառերին, թեքվեց ձախ ու անհետացավ։

Հուսանք, որ հեծելազորի դիմաց դուրս չի գա, մտածեց Ռոբերտ Ջորդանը, թե չէ, վախենում եմ, կքաշի֊կբերի այստեղ։

Պրիմիտիվոն սոճու ճյուղեր բերեց, Ռոբերտ Ջորդանը դրանցով կամար կապեց գնդացրի վրա։

― Էլի բեր, ― ասաց նա։ ― Հարկավոր է երկու գնդացիրների համար նույնպես ծածկ սարքել։ Սա այնքան էլ հաջող չեղավ, բայց ոչինչ, կացինը որ բերեն, կանենք ոնց որ պետք է։ Լսիր, ― ասաց, ― եթե ինքնաթիռների ձայն լսես, քեզ գցիր ժայռի ստվերին ու պառկիր փորիդ վրա։ Ես այստեղ կլինեմ, գնդացրի մոտ։

Հիմա որ արևը բարձրացել էր ու տաք քամի էր փչում, հաճելի էր ժայռի արևոտ կողմում։ Չորս ձի, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Երկու կին, ես, Անսելմոն, Պրիմիտիվոն, Ֆերնանդոն, Ագուստինը, ո՞նց էր, գրողը տանի, այն եղբոր անունը, դա էլ ութ։ Գչնչուին չեմ հաշվել։ Նա էլ ինը։ Պաբլոյին էլ որ գումարենք, կանի տասը, բայց նա արդեն իր ձին նստեց֊գնաց։ Անդրես։ Մի եղբոր անունը Անդրես է, մյուսինը՝ Էլադիո։ Արեց տասը։ Կես ձի էլ չի հասնում յուրաքանչյուրին։ Ասենք երեքը մնան այստեղ մարտը ընդունելու, չորսը հեռանան, Պաբլոյին էլ որ հաշվենք, հինգը։ Մնացին էլի երկուսը։ Էլադիոն էլ՝ երեք։ Բայց ո՞ւր է նա, գրողը տանի։

Աստված գիտի, թե ինչ կլինի Սորդոյին, եթե պարեկներն ընկնեն ձիերի հետքերի վրա։ Դաժան բան էր ձյան այդպես անժամանակ դադարելը։ Բայց արդեն արագ կհալչի, և ամեն ինչ կհարթվի։ Սակայն ոչ Սորդոյի համար։ Նրա համար վախենամ արդեն ուշ է։

Եթե հաջողվի այսօր մարտից խուսափել, մենք վաղվա մեր գործը կկարողանանք գլուխ բերել թեկուզ միայն այս ուժերով։ Գիտեմ, որ կկարողանանք։ Գուցե ոչ այնքան էլ լավ։ Ոչ այնպես, ինչպես պետք է, ոչ անթերի, բայց կկարողանանք, եթե բոլորս էլ ինչպես պետք է լծվենք գործին։ Եթե հաջողվի այսօր մարտից խուսափել։ Իսկ եթե չհաջողվի, թող աստված մեզ օգնի։

Այս պահին սրանից լավ նստել֊սպասելու տեղ դժվար թե լինի։ Հիմա այստեղից շարժվելն իմաստ չունի, որովհետև ոտնահետքեր կթողնենք։ Հարմար տեղ է, եթե գործերը վատ ընթացք ստանան, հնարավոր է երեք տարբեր ճամփաներով դուրս պրծնել։ Երբ մութն ընկնի, կարող ենք վերադառնալ և լուսաբացին պայթեցնել կամուրջը։ Չեմ հասկանում, թե ինչու էի ես այդքան մտածում, տանջվում։ Հիմա թվում է, թե շատ հեշտ է։ Միայն ինքնաթիռները ժամանակին գան, գոնե այս անգամ ժամանակին օդ բարձրանան։ Ուրիշ բան չեմ ուզում։ Վաղը երկինք ու գետին խառնվելու են իրար։

Այսօր կամ շատ հետաքրքիր օր կլինի, կամ շատ տաղտկալի։ Փառք տանք աստծուն, որ այդ ձին հեռացրինք։ Հիմա նույնիսկ եթե հետքերի վրա ընկած այստեղ գան, բացատում պիտի կանգնեն և շրջվեն ու գնան Պաբլոյի հետքերով։ Տեսնես ո՞ւր գնաց այդ քավթառ խոզը։ Հիմա որձ իշայծամի նման հետքերը խառնելով, խառնելով կգնա, մինչև ձյունը հալվի, հետո կպտտվի ու նորից կգա այստեղ։ Բայց այդ ձին նրան լրիվ խելքահան արեց։ Այնպես որ, կարող է նույնիսկ չվերադառնալ։ Ինչ անում է անի։ Ոնց եղել է մինչև հիմա, այնպես էլ լինելու է։ Եթե հիմա մեկն ասի, որ Էվերեստը ուսերին կառնի, դրան ավելի կհավատամ, քան Պաբլոյին։

Ինձ թվում է, որ գնդացիրը այս ժայռերի մեջ քողարկելը շատ ավելի խելացի է, քան խրամատ փորելը, որովհետև փորելը չվերջացրած կարող են պարեկները գալ, ինքնաթիռները կնկատեն վերևից։ Ճիշտը սա է, պետք է նստել ու սպասել, սպասել այնքան, ինչքան հնարավոր է։ Պետք է խուսափել մարտից։ Ես պետք է կամուրջը պայթեցնեմ։ Ես պիտի ուսապարկս վերցնեմ ու Անսելմոյի հետ գնամ կամուրջ։ Իսկ ո՞վ է ձեզ ծածկելու, եթե այստեղ կռիվ սկսվի։

Այդ պահին, երբ նայում էր չորսբոլորը, ձախից, ժայռերի մեջ երևաց գնչուն։ Խաղալով, օրորվելով սրունքների վրա, կարաբինն անփութորեն կախ գցած ուսից, թուխ դեմքը ժպիտով ողողված, ամեն ձեռքին մի մեծ սպանված նապաստակ ոտից պահած՝ բարձրանում էր գնչուն։

― Hola, Ռոբերտո, ― կանչեց նա ուրախ֊զվարթ։

Ռոբերտ Ջորդանը ձեռքը տարավ բերանը, գնչուն վախեցած նայեց շուրջը, հետո ժայռերի վրայից սահելով իջավ։ Ռոբերտ Ջորդանը պպզել էր գնդացրի կողքը, ծածկի տակ, գնչուն նապաստակները գցեց ձյան վրա ու ինքն էլ պպզեց։ Ռոբերտ Ջորդանը նայեց նրան։

― Տո hijo de la gran puta,[88] ― ասաց ցածրաձայն, ― այդ ո՞ւր էիր թրև գալիս, կեղտոտ։

― Սրանց ետևից էի ընկել, ― ասաց գնչուն, ― սիրվատում էին ձյուների մեջ։

― Իսկ քո պահակակե՞տը։

― Նոր էի գնացել, ― շշնջաց գնչուն։ ― Ի՞նչ է պատահել։ Վտա՞նգ կա։

― Հեծելազոր է շրջում։

― Redios,[89] ― ասաց գնչուն։ ― Դու տեսե՞լ ես իրենց։

― Հենց այս պահին էլ մեկը ճամբարում է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Եկել էր նախաճաշի։

― Ուրեմն դա էր, ես էլ մտածում էի, թե ինչ կրակոցի ձայն է, ― ասաց գնչուն։ ― Ես դրա կաթը։ Այստեղի՞ց է անցել։

― Այստեղից։ Քո պահակակետով։

― Ay, mi madre,[90] ― ասաց գնչուն։ ― Այս ինչ խեղճ ու դժբախտ մարդ եմ ես։

― Եթե գնչու չլինեիր, կգնդակահարեի քեզ։

― Ոչ, Ռոբերտո։ Այդպես մի ասա։ Ներիր ինձ։ Այդ նապաստակներն էին։ Լույսը դեռ չէր բացվել, որձն սկսեց ոստոստել ձյան վրա։ Ինչ իրարանցո՜ւմ էր, հնարավոր չէ պատկերացնել։ Գնացի աղմուկի ուղղությամբ, հեռացել էին արդեն։ Հետքերը բռնեցի ու շարժվեցի առաջ, տեսնեմ մի բարձրունքի վրա իրար կողքի կանգնել են ձյուների մեջ։ Խփեցի։ Տես ինչ չաղ են։ Այն էլ հիմա, այս ամսին։ Գիտե՞ս, թե ինչեր կարող է պատրաստել Պիլարը սրանցով։ Ռոբերտո, ցավում եմ, որ այդպես եղավ։ Սպանե՞լ եք ձիավորին։

― Այո։

― Դո՞ւ։

― Այո։

― Que tio,[91] ― ասաց գնչուն՝ բացահայտորեն շողոքորթելով։ ― Դու իսկական հրաշք ես։

― Քո մերը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա չկարողացավ չժպտալ գնչուին։ ― Լավ, վերցրու նապաստակներիդ ու գնա մի բան բեր ճամբարից նախաճաշենք։

Ձեռքը երկարեց ու շոշափեց երկարավուն, ծանր, թավամորթ, երկարականջ, երկարոտիկ, սև, ձյան վրա բաց աչքեով անկենդան պառկած նապաստակները։

― Այո, չաղ են, ― ասաց։

― Չա՜ղ, ― ասաց գնչուն։ ― Դրանից մի֊մի տաշտ ճրագու դուրս կգա։ Այսպիսի նապաստակներ ես երազում էլ չէի տեսել։

― Դե լավ, գնա՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― նախաճաշը վերցրու և արագ ետ դարձիր, Պիլարին ասա, թող այդ requete[92]֊ի փաստաթղթերը տա քեզ, որպեսզի բերես ինձ։

― Ռոբերտո, բարկացած չես ինչ վրա, չէ։

― Բարկացա՞ծ։ Կատաղած եմ։ Իսկ եթե մի հոգի չլիներ, այլ մի ջոկա՞տ։

― Redios, ― ասաց գնչուն։ ― Իրավունք ունես։ Ճիշտ ես։

― Լսիր։ Սրանից հետո այդպիսի բաներ չանես։ Երբեք։ Եթե ասում եմ կգնդակահարեմ, ես դա հենց այնպես, խոսքի համար չէ, որ ասում եմ։

― Անշուշտ։ Բայց այստեղ ուրիշ մի բան կա։ Երկու նապաստակ միանգամից, հազիվ թե այլևս ինձ հանդիպի։ Մարդու կյանքում մի անգամ է այսպիսի բան լինում։

― Anda,[93] ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Եվ շտապ ետ դարձիր։

Գնչուն վերցրեց երկու նապաստակներն ու ժայռերի վրայով սահեց ցած։ Ռոբերտ Ջորդանը դիմացի նեղ բացվածքի միջով նորից սկսեց նայել բացատին, ավելի այն կողմ ընկած սարալանջերին։ Երկու ագռավ գլխավերևում պտույտ տվին, հետո թառեցին սոճու վրա։ Երրորդ մի ագռավ էլ միացավ նրանց։ Սրանք են իմ դետերը, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Քանի դեռ հանգիստ են, կնշանակի այդ կողմով եկող չկա։

Այս էլ գնչուն, մտածեց նա։ Իսկապես որ բանի պետք չէ։ Քաղաքականությունից բոբիկ, անկարգապահ, դրա վրա երբեք չես կարող հույս դնել։ Բայց վաղը նա ինձ պետք է։ Նրա համար էլ վաղը գործ կա։ Գնչուն պատերազմի մասնակից, լսելն իսկ տարօրինակ է։ Դրանց զինվորական ծառայությունից պետք է ազատել, ճիշտ այնպես, ինչպես քաղաքական ու կրոնաբարոյական նկատառումներով ծառայությունից հրաժարվողների են ազատում։ Կամ, ասենք, ֆիզիկական ու մտավոր պակասություններով մարդկանց։ Միևնույն է, դրանք ոչ մի բանի պիտանի չեն։ Բայց ո՞վ է այս պատերազմում քաղաքական ու կրոնաբարոյական նկատառումներ հաշվի առնում։ Ոչ մեկին էլ հիմա չեն ազատում։ Բոլորին հավասարապես պատերազմն առնում է իր հորձանուտի մեջ։ Ահա, եկավ այս անբանների խմբին էլ հասավ։ Սրանց էլ առավ իր հորձանուտի մեջ։

Ագուստինն ու Պրիմիտիվոն նոր ճյուղեր բերեցին, Ռոբերտ Ջորդանը գնդացիրն այնպես ծածկեց, որ օդից չերևա, իսկ անտառի կողմից եկողներին շատ բնական թվա։ Հետո նրանց ցույց տվեց ապառաժուտ այն բարձրունքը, որն ամենահարմար դիտակետը կարող էր լինել, այդտեղից և՛ դիմացի բացատն է երևում, և՛ աջ կողմը։ Ձախակողմյան միակ անցքին ինքը կհսկի։

― Եթե որևէ մեկին տեսնես, չկրակես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մի փոքրիկ քար վերցրու ու ցած գլորիր, հրացանով էլ նշան տուր, այսպես, ― հրացանն այնքան բարձրացրեց, կարծես ինչ֊որ բանից գլուխը պաշտպանելու համար։ ― Իսկ որ այսպես անես, կիմանանք, թե քանի հոգի են, ― հրացանը մի քանի անգամ բարձրացրեց ու իջեցրեց։ ― Եթե հետևակ լինի, հրացանի փողը դեպի ներքև պահիր։ Այսպես։ Չկրակես, մինչև maquina֊ն չսկսի։ Նշան կբռնես մարդկանց ծնկին, այդ բարձունքից այդպես պետք է կրակել։ Եթե երկու անգամ սուլեմ, կիջնես ու ժայռերի տակով կգաս այստեղ, maquina֊յի մոտ։

Պրիմիտիվոն հրացանը բարձրացրեց։

― Հասկացա, ― ասաց։ ― Շատ պարզ է։

― Ուրեմն նախ մի փոքրիկ քար ես գլորում, որպես նախազգուշացում, հետո ցույց ես տալիս ուղղությունն ու եկողների քանակը։ Բայց տես, որ չնկատվես։

― Այո, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Իսկ կարո՞ղ եմ նռնակ գցել։

― Ոչ, քանի maquina֊ն չի սկսել կրակել։ Որովհետև հեծելազորը կարող է ձիու հետքերով գալ և նորից շրջվել ու գնալ Պաբլոյի հետքերով։ Պիտի ջանանք մարտից խուսափել, եթե դա հնարավոր է։ Ամեն կերպ պիտի խուսափենք։ Դե հիմա գնա։

― Me voy, ― ասաց Պրիմիտիվոն և հրացանը կողքից քարշ տալով սկսեց մագլցել ապառաժուտ բարձունքն ի վեր։

― Ագուստին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― դու հիմա ինձ ասա, թե ինչ գիտես այս գնդացրից։

Բարձրահասակ, սև, մազակալված դեմքով, փոս ընկած աչքերով, բարակ շրթներով, աշխատավորի կոշտացած ու խոշոր ձեռքերով Ագուստինը պպզեց։

― Pues,[94] կարող եմ լիցքավորել։ Նշան բռնել։ Կրակել։ Ուրիշ ոչինչ։

― Ուրեմն այսպես, չես կրակի մինչև քո և նրանց միջև եղած տարածությունը հիսուն մետիրց պակաս չլինի, հետո, կկրակես միայն այն ժամանակ, երբ կհամոզվես, որ գնում են դեպի քարայրը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Եղավ։ Իսկ այդ հիսուն մետրը ինչքան է։

― Մինչև դիմացի ժայռը։ Եթե սպա լինի, նախ նրան կխփես, հետո գնդացիրը կշրջես մյուսների վրա։ Կշրջես շատ դանդաղ, քիչ֊քիչ։ Ես Ֆերնանդոյին էլ կսովորեցնեմ կրակել։ Ամուր կպահես, որպեսզի չթռչկոտի, լավ նշան կբռնես, և իմացիր՝ ամեն անգամ վեց փամփուշտից ավելի չկրակես, եթե հնարավոր է, որովհետև փողը սկսում է վեր֊վեր թռչել։ Ամեն անգամ որ սկսում ես կրակել, կրակիր մեկի վրա, հետո հերթով անցիր մյուսներին։ Եթե հեծյալի վրա ես կրակելու, նշան բռնիր փորին։

― Եղավ։

― Այստեղ մի հոգի ևս պետք է, որպեսզի գնդացրի ոտքերը պահի, թե չէ կթռչկոտի։ Միևնույն ժամանակ էլ գնդացիրը կլիցքավորի։

― Իսկ դու որտե՞ղ ես լինելու։

― Այ, այնտեղ, դեպի ձախ, վերևում, որպեսզի ամեն կողմ տեսնեմ, բացի այդ, այս փոքր maquina֊յով էլ քո ձախ թևը կապահովեմ։ Եթե գան, կարելի է այստեղ լավ կոտորած սարքել։ Բայց մինչև լավ չմոտենան, չկրակես։

― Կարծում եմ, որ կարող ենք մի կոտորած սարքել։ Menuda matanza:[95]

― Բայց և այնպես ավելի լավ կլինի, եթե չգան։

― Եթե քո այդ կամուրջը չլիներ, կարելի էր կոտորել ու հեռանալ այս վայրերից։

― Դա ոչ մի արժեք չէր ունենա։ Ոչ մի նպատակի չէր ծառայի։ Պատերազմը շահելու համար կամրջի պայթեցումը նշանակություն ունի։ Ծրագրված ռազմական գործողությունների մեջ դա իր դերը ունի։ Իսկ սա ոչ մի արժեք չունի։ Սա մի աննշան պատահար է։ Դատարկ բան։

― Que va, դատարկ բան։ Ամեն սպանվածի հետ մի ֆաշիստ պակասում է։

― Այո։ Բայց եթե կամուրջը պայթեցվի, մենք կկարողանանք Սեգովիան գրավել։ Նահանգի գլխավոր քաղաքը։ Դու դրա մասին մտածիր։ Դա կլինի մեր առաջին գրաված քաղաքը։

― Դու իսկապե՞ս հավատում ես, որ մենք կարող ենք Սեգովիան գրավել։

― Այո։ Հնարավոր է, եթե կամուրջն այնպես պայթեցվի, ինչպես պետք է։

― Լավ կլիներ, որ և՛ այստեղ կոտորեինք, և՛ այդ կամուրջը պայթեցնեինք։

― Ախորժակդ վատ չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Խոսակցության ամբողջ ընթացքում նա նայում էր ագռավներին։ Մեկը գլուխը շրջեց ինչ֊որ բանի, հետո կռավեց ու թռավ։ Մյուսը մնացել էր ծառին։ Ռոբերտ Ջորդանը նայեց Պրիմիտիվոյի կողմը՝ ապառաժուտ բարձունքին։ Պրիմիտիվոն ուշադիր դիտում էր, սակայն ոչ մի ազդանշան չէր տալիս։ Ռոբերտ Ջորդանը կռացավ, քաշեց ավտոմատի փակաղակը, ստուգեց փամփշտանոցն ու նորից գցեց իր տեղը։ Երկրորդ ագռավը շարունակում էր անշարժ մնալ ծառի վրա։ Առաջինը մի լայն շրջան գործեց և նորից եկավ թառեց ծառին։ Արևի ու գաղջ քամու շնչից հալչող ձյունը սոճիների կռացած ճյուղերից թափվում էր գետնին։

― Վաղը դու կոտորածի հնարավորություն կունենաս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Լուսաբացին սղոցարանի պահակակետը պիտի ոչնչացվի։

― Ես պատրաստ եմ, ― ասաց Ագուստինը։

― Եվ ճանապարհաշինության վարպետի հյուղակը, կամրջից ներքև։

― Որը ասես, այն էլ կանեմ, ― ասաց Ագուստինը։ ― Կարող եմ երկուսն էլ։

― Երկուսը չի լինի։ Պետք է նույն պահին ոչնչացվեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ուրեմն որը որ ասես, ― ասաց Ագուստինը։ ― Ինչքան ժամանակ է, ուզում էի մի գործ անել, մասնակցել պատերազմին։ Պաբլոն մեզ բոլորիս անգործ փտեցրեց։

Անսելմոն կացինն առած եկավ։

― Էլի՞ ես ճյուղեր ուզում, ― հարցրեց նա։ ― Ինձ թվում է, որ լավ է քողարկված։

― Ճյուղեր պետք չեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Դու հիմա երկու փոքր ծառ բեր, տնկենք այստեղ, որպեսզի այս ճյուղերն էլ ավելի բնական երևան։

― Հիմա բերեմ։

― Խորքից կտրիր, այնպես, որ կոճղերը չերևան։

Ռոբերտ Ջորդանը լսեց թիկունքից եկող կացնի հարվածների ձայնը։ Նայեց վերև՝ Պրիմիտիվոյին, նայեց ներքև՝ սոճուտի բացատին։ Ագռավներից մեկը դեռևս այնտեղ էր։ Հետո ականջին համաչափ, բարձրից եկող մի դզզոց հասավ։ Հայացքը բարձրացրեց՝ ինքնաթիռ էր, շատ բարձր, փոքրիկ֊փոքրիկ, գրեթե անշարժ կախված երկնքում արծաթին էր տալիս արևի շողերի տակ։

― Մեզ չեն տեսնի, ― ասաց նա Ագուստինին։ ― Բայց լավ է թաքնված մնանք։ Հետախույզ ինքնաթիռ է, արդեն երկրորդն է այսօր։

― Բա երեկվաննե՞րը, ― հարցրեց Ագուստինը։

― Հիմա որ հիշում եմ, թվում է վատ երազ էր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դրանք Սեգովիայում պետք է որ լինեն։ Վատ երազը սպասում է այնտեղ, որպեսզի իրականություն դառնա։

Ինքնաթիռն անցել էր լեռների մյուս երեսը և արդեն չէր երևում, բայց շարժիչների ձայնը դեռևս շարունակում էր մնալ օդում։

Ռոբերտ Ջորդանը հայացքն իջեցրեց և նույն պահին էլ նկատեց, որ ագռավը թռավ։ Առանց որևէ կռավոցի ծառերի վրայով թռավ ու գնաց։

Գլուխ քսաներեքերորդ

― Պառկիր, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը Ագուստինին, հետո գլուխը շրջեց և ձեռքի շարժումով պառկելու նշան արեց Անսելմոյին, որը եղևնին տոնածառի պես ուսն առած ժայռերի վրայով գալիս էր։ Ծերունին ծառը գցեց ժայռերի ետևն ու ինքն էլ ծածկվեց այնտեղ։ Ռոբերտ Ջորդանը բացատի վրայով նայում էր անտառին։ Ոչինչ չէր երևում, ոչ մի ձայն չկար, նա լսում էր միայն իր սրտի բաբախյունը, հետո ականջին քարի խփոցի ձայն հասավ, դրան հետևեց գլորվող քարակտորի շխկոցը։ Գլուխը շրջեց աջ և տեսավ, որ Պրիմիտիվոյի հրացանը հորիզոնական վիճակում չորս անգամ բարձրացավ ու իջավ։ Հետո հայացքը շրջեց ու դարձյալ նայեց անտառի բացատին, որի ձյունածածկ հարթության վրա երևում էին սմբակների շրջան գծած հետքերը։

― Հեծելազոր է, ― ցածրաձայն ասաց Ագուստինին։

Ագուստինը նայեց նրան, և նրա թուխ, փոս ընկած այտերը հեռացան իրարից ու դեմքի վրա ժպիտ գծագրվեց։ Ռոբերտ Ջորդանը նկատեց, որ նա սկսեց քրտնել։ Ձգվեց, ձեռքը դրեց Ագուստինի ուսին։ Այդ պահին անտառից չորս ձիավոր դուրս եկան, զգաց, որ Ագուստինի մկանները պրկվում են իր ձեռքի տակ։

Ձիավորներից մեկը գալիս էր առջևից, երեքը հետևում էին նրան։ Առաջինը գնում էր ձիու հետքերով։ Գնում էր հայացքը գետնին հառած։ Մյուսները կիսաշրջան կազմած հետևում էին նրան։ Առաջանում էին մեծագույն զգուշությամբ։ Ռոբերտ Ջորդանը պառկել էր փորի վրա, թևերը լայն բաց էր արել ու, գնդացիրն ուղղած նրանց, ուշադիր հետևում էր։ Զգում էր, թե ինչպես է սիրտը խփում ձյունոտ գետնին։

Առջևից ընթացող ձիավորը ձիու հետքերով եկավ հասավ այնտեղ, որտեղից Պաբլոն շուռ էր եկել ու գնացել ներքև։ Նա կանգ առավ։ Մյուսները հասան նրան և նույնպես կանգ առան։

Գնդացրի կապտավուն, պողպատյա փողի վրայով Ռոբերտ Ջորդանը պարզ տեսնում էր նրանց։ Նա տեսնում էր այդ մարդկանց դեմքերը, գոտիներից կախ արած սրերը, ձիերի քրտինքից մգացած կողերը, կոնաձև գլխանոցով խակի գույնի թիկնոցները և նույնպես խակի գույնի նավառական ձևով թեք դրած բերետները։ Առջևից գնացողը ձիու գլուխը շրջեց դեպի ժայռի բացվածքը, կանգնեց գնդացրին դեմ֊հանդիման, և Ռոբերտ Ջորդանը տեսավ նրա երիտասարդ, արևառ ու հողմահար թուխ դեմքը, մոտ֊մոտ նստած աչքերը, սապատավոր քիթն ու երկարավուն, սրածայր կզակը։

Կանգնել էր ձին այդտեղ՝ գլուխը բարձր, կուրծքն ուղիղ Ռոբերտ Ջորդանի գնդացրի փողին, թամբի աջ կողմում ամրացված պատյանի միջից դուրս էր ցցվել ավտոմատը։ Առջևից ընթացող ձիավորը ընկերներին մատով ցույց տվեց ժայռի բացվածքը, որտեղ գնդացիրն էր։

Ռոբերտ Ջորդանը արմունկներն ամուր հենեց գետնին և գնդացրի փողի վրայով նայեց այդտեղ, ձյան վրա կանգ առած չորս հեծյալներին։ Ետևից եկողները ավտոմատներն հանել էին պատյաններից, երկուսը դրել էին թամբի լայնքով, երրորդը գցել էր աջ կողմն ու կոթը ազդրին սեղմած պահել էր ձեռքով։

Հազիվ թե երբևիցե բախտ վիճակվի այսքան մոտիկ տարածությունից ու այդքան պարզ սրանցից մեկնումեկին տեսնելու և վրան նշան բռնելու, մտածեց նա։ Սովորաբար, երբ նայում էր նշանացույցից, մարդիկ նման են լինում մանրանկարների, և սատանան գիտի, թե ինչպիսի ջանքեր ես գործադրում ճիշտ նշան բռնելու համար։ Գալիս են մեծ մասամբ վազելով, ընկնում են, նորից վեր կենում ու վազում, և կրակում ես, ասենք զառիթափի ուղղությամբ, փողոցի երկայնքով, պատուհաններին։ Կամ էլ տեսնում ես, թե ինչպես են հեռվում ճանապարհով շարժվում։ Այսպես լինում է միայն գնացքների պայթեցման ժամանակ, երբ պարզ երևում են նշանացույցում, ինչպես որ հիմա այս չորսը, ու կարող ես ուղղակի հնձել։ Այս տարածության վրա նշանացույցում սովորականից երկու անգամ մեծ են երևում։

Դու՛, ասաց մտքում, գնդացրի փողն ուղղած առջևից եկող ձիավորի կրծքին՝ խակի գույնի թիկնոցի վրա առավոտյան արևի ճառագայթներից շողշողացող ծանուցանիշից փոքր֊ինչ աջ։ Դո՛ւ, ասաց մտքում, մտածելով արդեն իսպաներեն ու մատներով պինդ սեղմած ապահովիչը, որպեսզի ժամանակից շուտ չարձակի գնդացրի կրակի արագահաս, մահաբեր տարափը։ Դո՛ւ, կրկնեց մտքում, դու այդ երիտասարդ տարիքում մեռած ես արդեն։ Նաև դո՛ւ, ասաց մտքում, նաև դո՛ւ, նաև դո՛ւ։ Բայց թող այդ բանը տեղի չունենա։ Թող այդ բանը տեղի չունենա։

Նա զգաց, որ Ագուստինը ուզում էր հազալ, բայց կարողացավ պահել իրեն ու խորխը կուլ տալ։ Հետո նորից ճյուղերի արանքից նայեց գնդացրի կապտավուն, յուղած փողի վրայով՝ մատներն ապահովիչի վրա տակավին պինդ պահած, և տեսավ, որ առջևից ընթացող հեծյալը ձիու գլուխը շրջեց ու Պաբլոյի հետքերով գնաց դեպի անտառ։ Մյուսներն էլ վարգով հետևեցին նրան, և Ագուստինը ցածրաձայն ասաց․

― Cabrones!

Ռոբերտ Ջորդանը շրջվեց, նայեց ժայռերի կողմը, ուր սուզվել էր Անսելմոն ծառի հետ մեկտեղ։

Գնչու Ռաֆայելը խուրջինը շալակած, հրացանն ուսին գցած ժայռերի վրայով գալիս էր իրենց կողմը։ Ռոբերտ Ջորդանը ձեռքով նշան արեց, որպեսզի թաքնվի, գնչուն պառկեց ու էլ չերևաց։

― Կարող էինք չորսին էլ սպանել, ― հանգիստ ասաց Ագուստինը։ Քրտինքը դեռ չէր չորացել նրա վրա։

― Այո, ― շշունջով պատասխանեց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց թե կրակելուց հետո ինչեր կարող էին պատահել, դժվար է ասել։

Հենց այդ րոպեին նորից գլորվող քարակտորի ձայն լսեց և արագ նայեց շուրջը։ Ոչ գնչուն էր երևում, ոչ Անսելմոն։ Նայեց ժամացույցին, հետո Պրիմիտիվոյին, որն անընդհատ բարձրացնում֊իջեցնում էր հրացանը։ Արդեն քառասունհինգ րոպե է, որ Պաբլոն հեռացել է այստեղից, մտածեց Ռոբերտ Ջորդանը և այդ պահին էլ ձիերի սմբակների դոփյուն լսեց։

― No te apures, ― շշուկով ասաց Ագուստինին։ ― Չանհանգստանաս։ Սրանք էլ մյուսների նման կանցնեն֊կգնան։

Քսան հոգուց կազմված հեծելազորային շարասյունը, նույնպիսի համազգեստով, ինչ առաջին չորսը, սրերը կողքներից կախած, հրացանները պատյաններում, զույգ֊զույգ շարված՝ եկան, շրջան գործեցին բացատում և մյուսների նման գնացին դեպի անտառը։

― Tu yes? ― ասաց Ռոբերտ Ջորդանը Ագուստինին։ ― Տեսա՞ր։

― Շատ էին, ― ասաց Ագուստինը։

― Սրանց հետ էինք գործ ունենալու, եթե մյուսներին ոչնչացնեինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը ցածրաձայն։ Սրտի տրոփյունը չէր զգում արդեն, հիմա զգում էր հալված ձյունից թրջված վերնաշապկի թացությունը։ Դատարկության զգացողություն էր կրծքում։

Արևն արագ հալեցնում էր ձյունը։ Ծառաբների կողքերին ջրափոսեր էին գոյացել, գնդացրի փողի տակ, հենց իր դիմաց, ձյունը կիսով չափ հալվել, մանյակի տեսք էր ստացել, վերևից ընկնող արևի շողերից ու ներքևից եկող հողի տաք շնչից դարձել էր փխրուն։

Ռոբերտ Ջորդանը նայեց Պրիմիտիվոյի կողմը։ Նա ձեռքերը խաչ արեց։ Դա նշանակում էր ոչինչ չկա։

Ժայռերի ետևից երևաց Անսելմոյի գլուխը, Ռոբերտ Ջորդանը նշան արեց, որպեսզի նա մոտիկ գա։ Ծերունին ժայռերի վրայով սող տալով եկավ ու երեսնիվայր պառկեց գնդացրի կողքին։

― Շա՜տ էին, ― ասաց։ ― Շա՜տ։

― Ծառերն արդեն պետք չեն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը նրան։ ― Անտառապատման գործով զբաղվելու անհրաժեշտությունը վերանում է։

Անսելմոն ու Ագուստինը ժպտացին։

― Քողարկումը քննություն բռնեց, իսկ ծառեր տնկելն հիմա վտանգավոր է, որովհետև կարող են վերադառնալ, և թերևս այնքան էլ բութ չեն։

Նրանց հետ խոսելու կարիքը ցույց էր տալիս, որ վտանգը լուրջ է եղել։ Վտանգի մեծությունը նա միշտ կարողացել էր որոշել հետագայում առաջացող խոսելու ցանկության ուժգնությամբ։

― Լավ էինք քողարկվել, չէ՞, ― ասաց նա։

― Լավ, ― ասաց Ագուստինը։ ― Ես այդ ֆաշիստների լավը։ Չորսին էլ կարող էինք սպանել։ Դու տեսա՞ր նրանց, ― ասաց Անսելմոյին։

― Տեսա։

― Լսիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանն Անսելմոյին։ ― Կգնաս քո երեկվա դիտակետը կամ ավելի լավ մի տեղ, ինքդ ընտրիր, և կհետևես ճանապարհի անցուդարձին, ոնց որ երեկ։ Լավ ուշացել ենք արդեն։ Կմնաս մինչև մութն ընկնի։ Հետո վերադարձիր, մեկ ուրիշին կուղարկենք։

― Բա ոտնահետքե՞րս։

― Ձյունը կհալչի, հետո կգնաս։ Գնա ներքևով։ Ձյունից հետո ճանապարհը ցեխոտ կլինի։ Ուշադրություն դարձրու շա՞տ են մեքենաներ անցել, թե ոչ, տես տանկերի հետքեր կա՞ն ձյան վրա։ Այսքան բան եմ ուզում քեզանից։

― Թույլ կտա՞ս։

― Անշուշտ։

― Քո թույլտվությամբ, ավելի լավ չի՞ լինի, եթե ես գնամ Լա Գրանխա և իմանամ, թե երեկ գիշեր ինչ է տեղի ունեցել այնտեղ, մեկնումեկին էլ հանձնարարեմ, որ այսօրվա անցուդարձը մի թղթի վրա գրի առնի, ոնց որ երեկ ես, հետո այս իրիկուն բերի֊հասցնի, կամ էլ ես գնամ֊բերեմ։

― Իսկ պարեկող հեծելազորից չե՞ս վախենում։

― Ոչ, եթե ձյունը հալվի։

― Լա Գրանխայում կա՞ այնպիսի մեկը, որ այդ գործն անի։

― Այո։ Այս գործը՝ այո։ Մի կին կա, նա կանի։ Լա Գրանխայում վստահելի կանայք շատ կան։

― Ես էլ եմ կարծում, որ կան, ― ասաց Ագուստինը։ ― Ավելին, համոզված եմ, նրանցից մի քանիսը ուրիշ նպատակների ևս կարող են ծառայել։ Ուզո՞ւմ ես ես գնամ։

― Թող ծերուկը գնա։ Դու գնդացրի լեզուն գիտես, իսկ օրը երկար է։

― Ձյունը հենց որ հալվի, կգնամ, ― ասաց Անսելմոն։ ― Շուտով կհալվի։

― Ի՞նչ ես կարծում, Պաբլոյին կարո՞ղ են բռնել, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը Ագուստինին։

― Պաբլոն հնարամիտ է, ― ասաց Ագուստինը։ ― Հնարավո՞ր է առանց որսաշների խելոք եղջերուն բռնել։

― Երբեմն՝ այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Բայց ոչ Պաբլոյին, ― ասաց Ագուստինը։ ― Ինչ խոսք, նախկին Պաբլոյից հիմա միայն փշրանքներ են մնացել։ Բայց հենց այնպես, բախտի բերմամբ չէ, որ նա կարողացել է այս սարերում ոչ միայն կենդանի մնալ, այլև իր քեֆին, պայթելու չափ խմել, երբ ուրիշները վաղուց արդեն գլուխները դրել են պատերի տակ։

― Նա իսկապե՞ս այդքան հնարամիտ է։

― Շատ հնարամիտ է։

― Արտակարգ ընդունակություններ ես չնկատեցի նրա մոտ։

― Como que no?[96] Եթե նա արտակարգ ընդունակություններ չունենար, երեկ գիշեր մահացած պիտի լիներ։ Ինձ թվում է, Ingles, որ դու քաղաքականությունից ու պարտիզանական կռիվներից շատ քիչ բան ես հասկանում։ Քաղաքականության ու այս կռիվների մեջ գլխավորն այն է, որ կարողանաս գոյությունդ շարունակել։ Տեսա՞ր, ոնց կարողացավ երեկ գիշեր իր գոյությունը շարունակել։ Այնքան էլ թրիք կերցրինք մարդուն, դու էլ, ես էլ։

Հիմա, երբ Պաբլոն կրկին միացել էր իրենց, Ռոբերտ Ջորդանը չէր ուզում նրա դեմ որևէ բան ասել ու զղջաց, որ նրա ընդունակությունների մասին այդպես անզգույշ ձևով արտահայտվեց։ Ինքն էլ շատ լավ գիտեր, որ Պաբլոն հնարամիտ է։ Պաբլոն էր, որ անմիջապես նկատեց կամրջի պայթեցմանը վերաբերող հրամանի բոլոր թերությունները։ Նրա նկատմամբ տածած հակակրանքն էր պատճառը, որ այդպես արտահայտվեց, արտահայտվեց ու տեղնուտեղն էլ հասկացավ, որ սխալ գործեց։ Դա էլ քեզ լարված վիճակից հետո շատախոսելու հետևանքը։ Խոսքը կտուրը գցելով դարձավ Անսելմոյին։

― Ո՞նց ես օրը ցերեկով Լա Գրանխա գնալու։

― Բավական լավ, ― ասաց ծերունին։ ― Առանց զինվորական նվագախմբի։

― Ու վզից կախած զանգուլակների, ― ասաց Ագուստինը։ ― Կամ էլ դրոշակ պարզած։

― Ո՞ր կողմով ես գնալու։

― Վերևով, հետո կիջնեմ ու կգնամ անտառով։

― Իսկ եթե բռնվե՞ս։

― Փաստաթղթեր ունեմ։

― Դա բոլորս էլ ունենք, բայց որ բռնվեցիր, մերը պիտի շտապ ուտես։

Անսելմոն գլուխը թափ տվեց և ձեռքը տարավ ու թփթփացրեց բաճկոնի կրծքագրպանը։

― Քանի՜֊քանի՜ անգամ են արդեն ստուգել, ― ասաց նա, ― բայց դեռ ոչ մի անգամ կուլ չեմ տվել։

― Ես կարծում եմ, որ լավ կլինի դրանց վրա մի քիչ մանանեխ քսենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մեր փաստաթղթերը ես պահում եմ ձախ կրծքագրպանումս, ֆաշիստներինը՝ աջ։ Այդպես չես շփոթվի, ինչքան էլ չնախատեսված դեպք լինի։

Երևի շատ ծանր է եղել այն պահին, երբ ձիավորների առաջին խմբի առաջնորդը մատնացույց արեց ժայռի բացվածքը, որովհետև բոլորն էլ սկսել են շատ խոսել։ Չափից շատ, մտածեց Ռոբերտ Ջորդանը։

― Լսիր, Ռոբերտո, ― ասաց Ագուստինը, ― ասում են, որ կառավարությունը օր֊օրի վրա աջ է թեքվում։ Ասում են Հանրապետությունում հիմա այլևս ընկեր չեն ասում միմյանց, այլ Senor և Senora։ Գուցե գրպաններիդ տեղերը փոխես, հա՞։

― Երբ բոլորովին աջ թեքվի, կդնեմ շալվարիս ետևի գրպանը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― այն էլ կքաշեմ մեջտեղը։

― Լավ, թող մնան շապիկիդ գրպանում, ― ասաց Ագուստինը։ ― Մի՞թե պատերազմը շահելու ենք, իսկ հեղափոխությունը տանուլ տալու։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց եթե մենք այս պատերազմը չշահենք, ո՛չ հեղափոխություն կմնա, ո՛չ Հանրապետություն, ո՛չ ես, ո՛չ դու, ոչ մի բան, միայն մի մեծ carajo:[97]

― Ես էլ եմ այդպես ասում, ― ասաց Անսելմոն։ ― Դրա համար էլ մենք այս պատերազմը պետք է շահենք։ Պիտի հաղթենք, բայց ոչ մեկին պետք չէ գնդակահարել, ― ասաց Անսելմոն։ ― Պետք է արդարությամբ կառավարենք, թող ամեն մարդ իր մասնակցության չափով ստանա իր բաժինը։ Իսկ ովքեր կռվել են մեր դեմ, նրանց պետք է դաստիարակել, ցույց տալ իրենց սխալները։

― Պետք է գնդակահարել, ― ասաց Ագուստինը։ ― Պետք է գնդակահարել, այնքա՜ն գնդակահարել, այնքա՜ն։ Շատ֊շատ։

Աջ բռունցքը նա սկսեց խփել ձախ ձեռքի ափին։

― Ոչ մեկին պետք չէ գնդակահարել։ Ոչ իսկ ղեկավարներին։ Պետք է աշխատանքի միջոցով վերափոխել նրանց։

― Ես գիտեմ, թե ինչ աշխատանքի կդնեմ նրանց, ― ասաց Ագուստինն ու մի կտոր ձյուն գցեց բերանը։

― Ի՞նչ աշխատանքի, անպետք, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Երկու տեսակ, ամենափայլուն։

― Ասա տեսնենք։

Ագուստինը ևս մի կտոր ձյուն գցեց բերանը, նայեց բացատին, որտեղ քիչ առաջ հեծյալների խումբն էր երևացել։ Հետո թքեց բերանում հալված ձյունը։

― Vaya: Ինչ նախաճաշ է, է՜, ― ասաց։ ― Այդ զզվելի գնչուն ո՞ւր մնաց։

― Դե ասա, այդ ի՞նչ աշխատանք է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Խոսի՛ր, կեղտոտ բերան։

― Թռիչք ինքնաթիռներից առանց պարաշյուտի, ― ասաց Ագուստինը և աչքերը փայլեցին։ ― Սա նրանց համար, ում խղճում ենք։ Մյուսներին նստեցնել ցանկապատերի ցցերին։

― Ստոր բաներ ես ասում, ― ասաց Անսելմոն։ ― Այդ ձևով մենք երբեք հանրապետություն չենք ունենա։

― Ես դրանց բոլորի ամորձիները կհանեի, ապուր կեփեի ու հիսուն կիլոմետր մեջը լող կտայի, ― ասաց Ագուստինը։ ― Երբ այն չորս հոգին եկան ու կանգ առան, երբ տեսա, որ կարող ենք չորսին էլ սպանել, ոնց որ նժույգին սպասող զամբիկ լինեի։

― Թեև գիտես, թե ինչու չսպանեցինք, ― հանգիստ ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Գիտեմ։ Բայց այնպիսի պահանջ էի զգում, կարծես կատղորած զամբիկ լինեի։ Դու դա չես հասկանա, եթե ինքդ քո վրա անձամբ չես զգացել։

― Լավ քրտնել էիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես մտածեցի, որ վախից է։

― Վախի՞ց։ Այո, ― ասաց Ագուստինը։ ― Վախը կար, բայց կար և այն մյուսը։ Եվ այն մյուսից ավելի ուժեղ բան չկա այս կյանքում։

Այո, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Մենք սա անում ենք հանգիստ, անկիրք, բայց նրանք այդպես չեն, և երբեք չեն եղել։ Դա նրանց գերագույն սրբությունն է։ Դա նրանց հնագույն հավատն է, այն, որը տիրել է այստեղ մինչև Միջերկրականի հեռավոր ափերից եկած նոր կրոնի հաղթանակը։ Բայց նրանք երբեք չեն հրաժարվել այն մեկից, անթեղել են սոսկ, որպեսզի պատերազմների, ինկվիզիցիաների հետ այն նորից դուրս գա մոխիրների տակից։ Սրանք Auto de Fe֊ի ժողովուրդ են՝ հավատաքննության։ Սպանել՝ բոլորն էլ սպանում են, բայց մերը սրանցից տարբերվում է։ Իսկ դո՞ւ, ասաց ինքն իրեն, դու երբևէ չե՞ս գայթակղվել դրանով։ Չե՞ս գայթակղվել Սիեռայում։ Ոչ էլ Ուսերայո՞ւմ։ Ոչ էլ Էսթրեմադուրայում գտնվելուդ ժամանա՞կ։ Ոչ էլ երբևէ՞։ Que va, ասաց ինքն իրեն։ Գայթակղվել ես յուրաքանչյուր գնացքի պայթեցման ժամանակ։

Վերջ տուր քո այդ կասկածելի գրական մտորումներին բերբերների ու հին իբերացիների մասին և ընդունիր, որ քեզ ևս, ինչպես իր կամքով կռվի եկած ամեն մի զինվորի, խոստովանեն, թե ոչ, դուր է եկել սպանությունը։ Անսելմոյին դուր չի գա, որովհետև նա որսորդ է, զինվոր չէ։ Նրան էլ մի իդեալականացրու։ Որսորդները կենդանիներ են սպանում, զինվորները՝ մարդ։ Մի՛ խոսիր ինքդ քեզ, մտածեց նա։ Ոչ էլ գրական մարզանքների նյութ դարձրու դա։ Արդեն երկար ժամանակ է, որ վարակվել ես այդ ցավով։ Անսելմոյի նկատմամբ էլ արդար եղիր։ Հասկացիր, նա քրիստոնյա է։ Դա շատ հազվագյուտ բան է կաթոլիկական երկրներում։

Բայց այն ժամանակ ինձ թվաց, որ Ագուստինի մոտ դա վախ էր, մտածեց նա։ Բնական մարտին նախորդող պահի վախը։ Այն մյուսն է ուրեմն եղել։ Հիմա, անշուշտ, կարող է նաև գլուխ գովել։ Լավ վախեցել էր։ Ձեռքս վրան էր, զգացի։ Դե լավ, ժամանակն է, որ վերջացնենք այս խոսակցությունները։

― Տես այդ գնչուն ուտելիքը բերում է, թե ոչ, ― ասաց Անսելմոյին։ ― Չթողնես բարձրանա։ Հիմար է դա։ Վերցրու ինքդ բեր։ Եվ ինչքան էլ շատ բերած լինի, կուղարկես, որ էլի բերի։ Սոված եմ։

Գլուխ քսանչորսերորդ

Հիմա արդեն ուշ մայիսյան առավոտ էր, երկինքը նորից բարձր էր ու ջինջ, և տաք քամին փչում էր Ռոբերտ Ջորդանի ուսերին։ Ձյունն արագ հալվում էր, իսկ նրանք նստած նախաճաշում էին։ Յուրաքանչյուրին երկու սանդվիչ էր հասել՝ մեկը մսով, մյուսը այծի պանրով։ Ծալովի դանակով Ռոբերտ Ջորդանը սոխը շերտատեց և դրեց մսի ու պանրի երկու կողերին։

― Բերանիդ հոտն հիմա կկտրի անտառն ու կընկնի ֆաշիստների քիթը, ― ասաց Ագուստինը՝ բերանը լիքը լցրած։

― Գինու տիկը տուր բերանս ողողեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, որ մսով ու պանրով սանդվիչները իրար հետ ուտում էր։

Երբեք այսպես քաղցած չէր եղել։ Ձյութի ու կաշվի մի թույլ համ տվող տկից գինի լցրեց բերանն ու կուլ տվեց, հետո մի ավելի մեծ կում արեց։ Տիկը այնպես էր պահել, որ գինին լցվում էր ուղիղ կոկորդը, գլուխըը հենել էր գնդացրի քողարկմանը ծառայող սոճու ճյուղերին, բարձրացված տկի վերին ծայրը դեմ էր առել ասեղնատերևներին։

― Ուզո՞ւմ ես, վերցրու այս մեկն էլ, ― ասաց Ագուստինը՝ գնդացրի վրայով ձեռքի սանդիվչը մեկնելով նրան։

― Ոչ։ Շնորհակալություն։ Դու կեր։

― Չեմ կարող։ Սովոր չեմ առավոտները բան ուտելու։

― Իրո՞ք չես ուզում։

― Չէ։ Վերցրո՛ւ։

Ռոբերտ Ջորդանը վերցրեց սանդվիչը, դրեց ծնկին, բաճկոնի կողքի գրպանից հանեց նռնակների հետ դրված սոխը, բացեց դանակը շերտատեց։ Սոխի արծաթավուն վերին թերթիկը, որ կեղտոտվել էր գրպանում, հանեց֊գցեց, հետո մի հաստ շերտ կտրեց։ Արտաքին օղակը պողկվեց ընկավ, վերցրեց ծալեց ու դրեց սանդվիչի մեջ։

― Մի՞շտ ես նախաճաշին սոխ ուտում, ― հարցրեց Ագուստինը։

― Եթե լինում է։

― Բոլո՞րն էլ ուտում են ձեր երկրում։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Անբարեկրթություն է համարվում։

― Ուրախ եմ, ― ասաց Ագուստինը։ ― Ամերիկան ես միշտ քաղաքակիրթ երկիր եմ պատկերացրել։

― Ի՞նչ ունես սոխի դեմ։

― Հոտը։ Ուրիշ ոչ մի բան։ Թե չէ՝ ոնց որ վարդ լինի։

Ռոբերտ Ջորդանը ուտելիս ժպտաց նրան։

― Ոնց որ վարդ, ― ասաց նա։ ― Շատ նման է վարդի։ Վարդը վարդ է, սոխ է։

― Սոխն սկսել է ազդել ուղեղիդ վրա, ― ասաց Ագուստինը։ Զգուշացի՛ր։

― Սոխը սոխ է, սոխ է, ― ուրախ ասաց Ռոբերտ Ջորդանն ու շարունակեց մտքում՝ քարը Stein է, ժայռ է, գլաքար է, գետաքար է։

― Վերցրու տիկը, գինի առ բերանդ, ողողիր, ― ասաց Ագուստինը։ ― Շատ տարօրինակ մարդ ես դու, Ingles: Այստեղ եկած այն դինամիտավորի և քո մեջ մեծ տարբերություն կա։

― Միայն մեկ մեծ տարբերություն կա։

― Ո՞րն է։

― Ես ողջ եմ, իսկ նա մեռած, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Այդ ի՞նչ պատահեց քեզ, մտածեց նա իսկույն ևեթ։ Մի՞թե կարելի է այդ ձևով խոսել։ Կուշտ կերար երջանկացա՞ր։ Թե՞ սոխից ես հարբել։ Ուրեմն հիմա միայն ապրելն է քեզ համար։ Բայց չէ՞ որ դու երբեք լուրջ նշանակություն չես տվել դրան, անկեղծորեն ասաց ինքն իրեն։ Դու փորձել ես ինչ֊որ իմաստ դնել դրա մեջ, բայց դա երբեք չի հաջողվել։ Իսկ հիմա շատ քիչ ժամանակ է մնացել, կարիք չկա ստերով տարվելու։

― Ոչ, ― ասաց արդեն լրջացած։ ― Նա մի մարդ էր, որ շատ էր տառապել։

― Իսկ դու։ Դու չե՞ս տառապել։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես այն մարդկանցից եմ, որոնք քիչ են տառապում։

― Ես էլ, ― ասաց Ագուստինը։ ― Դա մարդուց է։ Ոմանք տառապում են, ոմանք՝ ոչ։ Ես թեթև եմ տանում։

― Այդպես լավ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և բարձրացրեց գինու տիկը։ ― Իսկ եթե սա էլ կա՝ ավելի լավ։

― Ես տառապում եմ ուրիշների համար։

― Ինչպես ամեն լավ մարդ։

― Ինձ համար, սակայն, շատ քիչ։

― Կին ունե՞ս։

― Ոչ։

― Ես էլ չունեմ։

― Բայց արդեն ունես՝ Մարիան։

― Այո։

― Տարօրինակ է, ― ասաց Ագուստինը։ ― Աղջկան գնացքից բերելուց հետո Պիլարն այնպիսի խստությամբ էր հետևում, պահում֊պահպանում նրան, կարծես կարմելիտյան ուխտի միանձնուհի լիներ։ Չես կարող պատկերացնել, թե ինչպիսի խստությամբ էր պահպանում։ Եվ ահա գալիս ես դու, ու նա վերցնում աղջկան որպես ընծա տալիս է քեզ։ Ո՞նց է, ի՞նչ կասես։

― Ոչ, այդպես չէր։

― Հապա ինչպե՞ս էր։

― Նա աղջկան դրեց իմ հոգատարության տակ։

― Հոգ տանելն այն է, որ գիշեր մինչև լույս joder[98] անես հետը։

― Եթե բախտը ժպտա։

― Լավ հոգատարություն է։

― Համաձայն չե՞ս, որ այդ ձևով էլ կարելի է հոգ տանել։

― Կարելի է, բայց մեզնից յուրաքանչյուրը կարող էր այդ ձևով հոգ տանել։

― Արի դրա մասին այլևս չխոսենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես նրան իսկապես լուրջ եմ վերաբերվում։

― Լո՞ւրջ։

― Ավելի, քան որևէ այլ բանի այս աշխարհում։

― Իսկ հետագայո՞ւմ։ Կամրջից հետո ո՞նց է լինելու։

― Տանելու եմ հետս։

― Ուրեմն, ― ասաց Ագուստինը, ― ես այլևս խոսելիք չունեմ, գնացեք, երկուսդ էլ բախտավոր եղեք։

Նա վերցրեց գինու տիկը, մի լավ կում արեց, հետո մեկնեց Ռոբերտ Ջորդանին։

― Մի բան էլ, Ingles, ― ասաց նա։

― Ասա։

― Ես էլ էի նրան սիրում։

Ռոբերտ Ջորդանը ձախ ձեռքը դրեց նրա ուսին։

― Շա՜տ, ― ասաց Ագուստինը։ ― Շա՜տ։ Ոչ ոք չի կարող պատկերացնել։

― Ես կարող եմ։

― Հենց սկզբից այնպիսի տպավորություն գործեց վրաս, որ չեմ կարողանում ազատվել։

― Պատկերացնում եմ։

― Լսի՛ր։ Սա ես քեզ ասում եմ ամենայն լրջությամբ։

― Լսում եմ։

― Ես նրան ձեռք չեմ տվել, ոչ մի բան չեմ արել, բայց շատ ուժեղ եմ սիրում։ Դու նրա հետ թեթև չվերաբերվես, Ingles։ Եթե քեզ հետ պառկում է, չմտածես, որ պոռնիկ է։

― Ես նրան միշտ կսիրեմ։

― Ես քեզ հավատում եմ։ Բայց մի բան էլ ասեմ։ Դու չգիտես, թե նա ինչ աղջիկ կլիներ, եթե այս հեղափոխությունը չլիներ։ Դու պատասխանատու ես նրա համար։ Նա իրոք շատ է տառապել։ Նա մեզ նման չէ։

― Ես ամուսնանալու եմ նրա հետ։

― Չէ։ Դա չէր ասածս։ Հեղափոխության ժամանակ դրա կարիքը չկա։ Բայց․․․ ― հավանություն տալու շարժում արեց գլխով, ― դա ավելի լավ կլինի։

― Ես ամուսնանալու եմ նրա հետ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և զգաց, որ կոկորդը սեղմվեց։ ― Ես նրան շատ ուժգին եմ սիրում։

― Հետագայում, ― ասաց Ագուստինը։ ― Երբ ավելի նպաստավոր պայմաններ լինեն։ Կարևորն այն է, որ մտադրություն ունենաս։

― Ունեմ։

― Լսի՛ր, ― ասաց Ագուստինը։ ― Թեև ես իրավունք չունեմ այս նյութի մասին այսպես երկար խոսելու, բայց ասա՛, մեր երկրում շա՞տ կանանց ես ճանաչել։

― Քիչ։

― Պոռնիկների՞։

― Ոչ միայն։

― Քանի՞ հոգու։

― Մի քանի։

― Իսկ պառկե՞լ ես հետները։

― Ոչ։

― Տեսնո՞ւմ ես։

― Այո։

― Ուզում եմ ասել, որ սա Մարիայի համար ժամանց չէ։

― Ոչ էլ ինձ համար։

― Եթե մտածեի, որ այդպես է, երեկ գիշեր, երբ պառկեցիր հետը, քեզ կսպանեի։ Հաճախ են այստեղ դրա համար սպանում։

― Լսի՛ր, ծերուկ, ժամանակի սղությունն էր պատճառը, որ կարգ ու կանոնով չեղավ ամեն ինչ։ Ժամանակ չունենք։ Վաղը մարտ ենք մղելու։ Եթե միայն ինձ վերաբերեր, նշանակություն չուներ։ Բայց որ Մարիային և ինձ է վերաբերում, նշանակում է մեր ամբողջ կյանքը մնացած այս ժամանակում պիտի ապրենք։

― Իսկ մի ցերեկն ու մի գիշերը շատ կարճ ժամանակ է, ― ասաց Ագուստինը։

― Այո, բայց եղել է նաև երեկվա օրը, եղել է նախորդ գիշերը, եղել է անցած գիշերը։

― Տես, ― ասաց Ագուստինը։ ― Եթե կարող եմ քեզ օգնել, ասա։

― Չէ։ Ամեն ինչ կարգին է։

― Եթե կարող եմ ինչ֊որ բան անել քեզ համար, կամ գլուխը խուզածի․․․

― Ոչ։

― Ճիշտ է, քիչ բան կարող է անել մարդը մարդու համար։

― Ոչ։ Շատ բան։

― Ի՞նչ։

― Խոստացիր, որ այսօր ու վաղը ինչ էլ պատահի, մարտի ժամանակ կվստահես ինձ ու կհնազանդվես հրամաններիս, նույնիսկ եթե դրանք սխալ թվան քեզ։

― Վստահում եմ քեզ։ Վստահում եմ հենց այն պահից, որ ձիավորի հաշիվը մաքրեցիր ու ձին էլ ճամփու դրեցիր։

― Դա դատարկ բան էր։ Հասկանո՞ւմ ես, ինչ որ անում ենք հիմա, մի նպատակի համար է։ Պատերազմը շահելու։ Եթե մենք չհաղթենք, ամեն ինչ անիմաստ է դառնալու։ Վաղը մենք շատ կարևոր հանձնարարություն պետք է կատարենք։ Չափազանց կարևոր։ Մարտ ենք տալու։ Մարտի ժամանակ պետք է կարգապահություն լինի։ Որովհետև շատ բան այնպես չէ, ինչպես թվում է։ Կարգապահությունը պետք է հիմնված լինի հավատի ու ու վստահության վրա։

Ագուստինը թքեց հատակին։

― Դրանք կապ չունեն Մարիայի հետ, ― ասաց նա։ ― Հիմա դու և Մարիան, որպես երկու մարդ արարած, օգտվեք եղած ժամանակից։ Ես էլ եթե մի բանով կարող եմ օգտակար լինել, ասա՛։ Իսկ վաղվա մասին մի՛ մտածիր, կենթարկվեմ, կուրորեն։ Եթե վաղը անհրաժեշտ լինի մեռնել, կգնամ, ուրախ, թեթև սրտով։

― Ես դա զգում էի սկզբից ևեթ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց հաճելի է, որ քեզնից եմ լսում։

― Մի բան էլ, ― ասաց Ագուստինը։ ― Այն վերևինը, ― մատով ցույց տվեց Պրիմիտիվոյի կողմը, ― վստահելի մարդ է։ Պիլարը՝ շատ, շատ ավելի, քան կարող ես երևակայել։ Ծերուկը՝ Անսելմոն, նույնպես։ Անդրեսը նույնպես։ Էլադիոն նույնպես։ Շատ հանգիստ մարդ է, բայց վստահելի տարր է։ Ֆերնանդոն էլ։ Ես չգիտեմ, թե դու ինչ կարծիք ունես նրա մասին։ Ճիշտ է, ծանր մարդ է, ասես արճիճ լինի։ ― Այնքան է հոգի ուտում ու ձանձրացնում, ոնց որ բարձած սայլը սար քարշ տվող եզ։ Բայց կռվում է, բոլոր հրամանները կատարում։ Es muy hombre:[99] Կտեսնես։

― Ասա բախտներս բերելա։

― Չէ։ Երկու անպետքը կան։ Գնչուն ու Պաբլոն։ Լավն է Սորդոյի խումբը, մենք նրանց հետ համեմատած՝ այծի կտտոր ենք։

― Ուրեմն ամեն ինչ կարգին է։

― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Բայց կուզեի, որ այդ բանը այսօր լիներ։

― Ես նույնպես։ Անեինք֊վերջացնեինք։ Բայց չի լինի։

― Ի՞նչ ես կարծում, ծա՞նր է լինելու։

― Կարող է։

― Բայց ուրախ ես, Ingles:

― Այո։

― Ես էլ։ Չնայած Մարիայի և ամեն ինչի։

― Գիտե՞ս ինչու։

― Չէ։

― Ես էլ։ Թերևս եղանակից է։ Լավ օր արեց։

― Ո՞վ գիտի։ Թերևս նրանից, որ մարտ ենք մղելու։

― Կարծում եմ դրանից է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ոչ այսօր։ Ինչ ուզում է լինի, մենք այսօր պիտի խուսափենք կռվից, հիմա դա է ամենից կարևորը։

Խոսելիս ինչ֊որ բան լսեց, հեռուներից եկող մի ձայն, որ կորավ ծառերի մեջ վազող քամու սուլոցում։ Չէր կարողանում որոշել, բերանը բաց, ականջները սրած փորձում էր որսալ, նայեց վերև՝ Պրիմիտիվոյին։ Մի պահ թվաց, որ նորից լսեց այդ ձայնը, բայց միայն մի պահ։ Քամին սուրում էր սոճիների մեջ, իսկ Ռոբերտ Ջորդանը ամբողջ էությամբ լարված լսում էր։ Քամու միջից դարձյալ ականջին հասավ այդ թույլ, անորոշ ձայնը։

― Ի՞նչ արած, մեռնել չէ, ― խոսում էր Ագուստինը։ ― Հույսս պիտի կտրեմ Մարիայից, վերջնականապես։ Էլի առաջվա նման պիտի գնամ քարշ գամ պոռնիկների հետ։

― Սուս արա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, որ գլուխը շրջած պառկել էր կողքին, բայց չէր լսում նրան։ Ագուստինն հանկարծ շրջվեց ու նայեց նրան։

― Que pasa?[100] ― հարցրեց։

Ռոբերտ Ջորդանը ձեռքը տարավ բերանին և շարունակեց ականջ դնել։ Ահա նորից եկավ նույն ձայնը։ Թույլ էր, խլացած, չոր ու հեռավոր։ Բայց արդեն սխալվել չէր կարելի։ Գնդացրի կրակահերթի հստակ ճայթուկներ են մերթընդմերթ տրաքվում։

Ռոբերտ Ջորդանը նայեց Պրիմիտիվոյին, որ հիմա կանգնած ու ձեռքը ականջին իրենց էր նայում։ Պրիմիտիվոն մատնացույց արեց լեռները։

― Կռիվ է Էլ Սորդոյի մոտ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դե գնանք օգնենք, ― ասաց Ագուստինը։ ― Հավաքի՛ր ժողովրդին։ Vamonos:

― Ո՛չ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մենք կմնանք այստեղ։

Գլուխ քսանհինգերորդ

Ռոբերտ Ջորդանը նայեց վերև ու տեսավ, որ Պրիմիտիվոն կանգնել է դիտակետում և, հրացանը պահած, ցույց է տալիս լեռները։ Ռոբերտ Ջորդանը գլխով արեց, բայց նա շարունակում էր ցույց տալ, ձեռքը տանում էր ականջին, նորից համառորեն ցույց տալիս, կարծես վախենում էր, որ իրեն չեն հասկանում։

― Մնա գնդացրի մոտ, և մինչև հաստատ համոզված չլինես, հաստատ, հաստատ համոզված չլինես, որ քո վրա են գալիս, չկրակես։ Համոզվես էլ, դարձյալ սպասիր, թող գան֊հասնեն այդ դիմացի թփուտը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հասկացա՞ր։

― Այո։ Բայց․․․

― Ոչ մի բայց։ Հետո կբացատրեմ։ Ես գնամ Պրիմիտիվոյի մոտ։ Անսելմոն կողքին էր, դարձավ ծերունուն։

― Viejo, կմնաս այստեղ, գնդացրի մոտ, Ագուստինի հետ։ ― Խոսում էր դանդաղ, առանց շտապելու։ ― Եթե հեծելազորը չգա մինչև այստեղ հասնի, նա չպիտի կրակի։ Իսկ եթե գան ու անցյալ անգամվա նման գնան, թողեք հանգիստ անցնեն։ Իսկ եթե ստիպված լինի կրակելու, գնդացրի ոտը ամուր կպահես, ու հենց որ սկավառակը դատարկվի, նորը կտաս։

― Շատ լավ, ― ասաց ծերունին։ ― Իսկ Լա Գրանխա՞ն։

― Հետո։

Ռոբերտ Ջորդանը մագլցում էր, կառչում գլաքարերին, ձեռքերը թրջվել էին։ Արևն արագորեն հալեցնում էր ձյունը, գլաքարերի կատարներն արդեն չորացել էին։ Մագլցելիս նա նայեց շուրջը, հայացքի առջև փռվեցին սոճու անտառը, դրանից այն կողմն ընկած մի երկար, բաց տարածություն, հետո լեռները։ Կանգնեց Պրիմիտիվոյի կողքին, երկու գլաքարերի ետևը, իսկ կարճահասակ թխադեմ մարդն ասաց․

― Գնացին Էլ Սորդոյի վրա։ Ի՞նչ ենք անում։

― Ոչինչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Հրաձգության աղմուկը պարզ լսվում էր այստեղից, իսկ երբ նայեց հեռավոր սարալանջերին, տեսավ հեծյալ մի խումբ, որը դուրս եկավ անտառից և ձյունապատ զառիթափով շարժվեց դեպի հրաձգության կողմը։ Նա տեսավ ձյան վրայով զույգ֊զույգ առաջ շարժվող հեծյալների սև շարասյունը։ Նայեց, մինչև շարասյունը հասավ լեռնապարի կատարը և ծածկվեց հեռավոր անտառում։

― Մենք պետք է օգնենք նրանց, ― ասաց Պրիմիտիվոն։ Նրա ձայնը խռպոտ էր ու նվաղուն։

― Դա անհնար է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես սպասում էի սրան։

― Ո՞նց։

― Նրանք գիշերը գնացել էին ձիեր ճարելու։ Ձյունը որ դադարեց հետքերով եկան֊գտան։

― Բայց մենք պետք է օգնենք նրանց, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Մենք չենք կարող նրանց մենակ թողնել։ Նրանք մեր ընկերներն են։

Ռոբերտ Ջորդանը ձեռքը դրեց Պրիմիտիվոյի ուսին։

― Մենք ոչինչ չենք կարող անել, ― ասաց նա։ ― Եթե կարող լինեինք, կասեի գնանք։

― Վերևով ճանապարհ կա։ Այս գնդացիրն ու քոնը վերցնենք, նստենք ձիերն ու գնանք։ Այդպես կարող ենք գնալ և օգնել։

― Լսի՛ր․․․ ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Լսում եմ, ահա՛, ― ասաց Պրիմիտիվոն։

Հրաձգության ձայները գալիս էին ալիքների նման թավալ տալով։ Հետո ձեռքի նռնակների պայթյունների խուլ աղմուկի մեջ գնդացիրների կրակոցների չոր ճարճատյունը կորավ։

― Կորան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հենց այն պահից, երբ ձյունը դադարեց, նրանք կորած էին արդեն։ Մենք ևս կկորչենք, եթե գնանք։ Մենք չենք կարող մեր ուժերը ջլատել։

Պրիմիտիվոյի վիզը, ծնոտն ու ներքևի շրթունքի տակը մոխրագույն մազ֊մորուքով էին ծածկված։ Դեմքի մնացած մասը շագանակագույն էր ու տափակած։ Քիթը ջարդված էր ու ճզմված, աչքերը մոխրագույն էին ու փոս ընկած։ Երբ Ռոբերտ Ջորդանը ուշադիր հայացքը հառեց նրան, նկատեց, որ բերանի անկյունների ու վզի մազերը դողում են։

― Լսի՛ր, ― ասաց նա։ ― Կոտորած է։

― Եթե պաշարել են, այդպես էլ կլինի։ Գուցե հաջողվել է մեկնումեկին դուրս պրծնել։

― Մենք կարող ենք թիկունքից խփել, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ձիերն առնենք ու այս չորս հոգիս գնանք։

― Իսկ հետո՞։ Թիկունքից խփեցիր, հետո ի՞նչ է լինելու։

― Կմիանանք Սորդոյին։

― Որպեսզի միասի՞ն մեռնենք։ Տես, թե արևը որտեղ է։ Օրը դեռ նոր է սկսվել։

Երկինքը բարձր էր ու անամպ, արևը տաքացրել էր թիունքները, բացատից այն կողմ, հարավային սարալանջին ընդարձակ տարածություններ մերկացել էին, սոճիների վրայի ձյունը լրիվ թափվել էր։ Խոնավ գլաքարերից գոլորշի էր բարձրանում։

― Պիտի դիմանաս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Hay que aguantarse: Այսպես է պատերազմում։

― Բայց իսկապե՞ս ոչինչ չենք կարող անել։ ― Պրիմիտիվոն նայեց նրան և Ռոբերտ Ջորդանն զգաց, որ նա հավատում է իրեն։ ― Հնարավոր չէ՞, որ ինձ թույլ տաս վերցնեմ փոքր գնդացիրն ու մեկնումեկի հետ գնամ։

― Անօգուտ է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Թվաց, որ երևաց այն, ինչին սպասում էր, բայց դա ուրուր էր, որը հանձնվել էր քամու հոսանքին, իսկ հիմա դուրս եկավ ու թռչում է հեռու սոճու անտառի վրայով։

― Անօգուտ է, եթե նույնիսկ բոլորս գնանք, ― ասաց նա։

Հենց այդ պահին կրկին ուժգնությամբ վերսկսվեցին կրակոցները, ձեռքի նռնակների պայթյունի ձայներ հասան։

― Ա՜խ, ես դրանց, ― ասաց Պրիմիտիվոն՝ հայհոյելու ահավոր մոլուցքով բռնված։ Աչքերն արցունքով էին լցված, դեմքն ամբողջ ցնցվում էր։ ― Ո՜վ տեր աստված, ո՜վ սուրբ կույս, ես դրանց կեղտոտ կաթը։

― Հանգստացիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Շուտով քո հերթն էլ կգա, դու էլ կկռվես։ Ահա և Պիլարը։

Պիլարը դժվարությամբ մագլցում էր գլաքարերի վրայով։

Պրիմիտիվոն անընդհատ կրկնում էր իր հայհոյանքը․ «Ես դրանց։ Ո՜վ տեր աստված, ո՜վ սուրբ կույս։ Դրանց․․․»։ Ռոբերտ Ջորդանը սողալով գնաց, որպեսզի օգնի Պիլարին բարձրանալու։

― Que tal կի՛ն, ― ասաց բռնելով նրա ձեռքերից ու արդեն վերջին գլաքարի վրայից վերև ձգելով։

― Հեռադիտակդ, ― ասաց կինն ու վզից հեռադիտակի գոտին հանեց։ ― Ուրեմն Սորդոյի մո՞տ են։

― Այո։

― Podre,[101] ― ասաց կարեկցաքով։ ― Խեղճ Սորդո։

Վերելքից հևում էր, բռնել էր Ռոբերտ Ջորդանի ձեռքը, ամուր սեղմել ու նայում էր չորսբոլորը։

― Քեզ ի՞նչ է թվում, ո՞նց է մարտը։

― Վատ է։ Շատ վատ։

― Jodido?[102]

― Կարծում եմ։

― Podre, ― ասաց, հետո հարցրեց․ ― Այդ ովքե՞ր են եղել այստեղ։ Ռաֆայելն ամբողջ մի պատմություն արեց ինձ հեծելազորի մասին։

― Պարեկներ էին, հետո էլ հեծելավաշտի մի խումբ։

― Մինչև որտե՞ղ հասան։

Ռոբերտ Ջորդանը ցույց տվեց որտեղ, հետո էլ գնդացրի տեղը։ Երևում էր Ագուստինի սապոգը, որ դուրս էր ցցվել գնդացիրը քողարկող ճյուղերի արանքից։

― Գնչուն ասում էր եկել են հասել գնդացրին, իբր փողը առաջնորդի ձիու կրծքին է դեմ առել, ― ասաց Պիլարը։ ― Գնչո՛ւ, գնչո՛ւ։ Ա՜յ թե ցեղ է։ Հեռադիտակդ քարայրում էր մնացել։

― Կապեցիք֊վերջացրի՞ք ամեն ինչ։

― Ինչ որ տարվելու է, հավաքել֊կապել ենք։ Պաբլոյից ի՞նչ լուր կա։

― Հեծելազորի գալուց քառասուն րոպե առաջ այստեղից դուրս է եկել։ Գնացին իր հետքերով։

Պիլարը քմծիծաղեց։ Նա տակավին պահել էր Ջորդանի ձեռքը։ Հիմա արդեն բաց թողեց։

― Նրան չեն հասնի, ― ասաց։ ― Հիմա Սորդոյից ասա։ Կարո՞ղ ենք մի բան անել։

― Ոչ մի բան։

― Pobre, ― ասաց նա։ ― Շատ էի սիրում Սորդոյին։ Դու համոզվա՞ծ ես, համոզվա՞ծ ես, որ jodido է։

― Այո։ Տեսա հեծելազորը, շատ֊շատ էին։

― Այստեղ եկածներից շա՞տ էին։

― Ամբողջ մի վաշտ բարձրացավ այնտեղ։

― Լսո՞ւմ ես կրակոցները, ― ասաց Պիլարը։ ― Pobre, pobre Sordo:

Հիմա ականջ էին դրել հրաձգության ձայներին։

― Պրիմիտիվոն ուզում էր գնալ այնտեղ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Գժվե՞լ ես, ― ասաց Պիլարը տափակադեմ մարդուն։ ― Մենք այս ի՞նչ locos[103] ենք աճեցնում այստեղ։

― Ուզում եմ օգնել նրանց։

― Que va, ― ասաց Պիլարը։ ― Այս էլ քեզ մի ուրիշ ցնդած։ Չե՞ս հավատում, որ այստեղ էլ շատ շուտով կարող ես մեռնել առանց ավելորդ ճանապարհորդությունների։

Ռոբերտ Ջորդանը նայեց այդ կնոջ լայն, թուխ, հնդկացու այտոսկրերով դեմքին, սև ու միմյանցից հեռու բազմած աչքերին, ծիծաղող բերանին, որի վրա վշտաբեկ ծանրացել էր վերին շրթունքը։

― Դու քեզ պետք է տղամարդու նման պահես, ― ասաց Պիլարը։ ― Հասուն մարդ ես։ Մազերդ արդեն ճերմակել են։ Եվ ընդհանրապես։

― Ձեռ մի առ, ― մռայլված ասաց Պրիմիտիվոն։ ― Մարդ եթե փոքր֊ինչ սիրտ ունենա, փոքր֊ինչ երևակայություն․․․

― Պետք է կարողանալ տիրապետել դրանց, ― ասաց Պիլարը։ ― Շատ շուտով կմեռնես այստեղ․ մեզ հետ միասին։ Կարիք չկա օտարների մոտ մահ փնտրելու։ Իսկ ինչ վերաբերում է երևակայությանը, դա թող գնչուին։ Նրա ունեցածը բոլորիս էլ կհերիքի։ Այդ ի՜նչ հեքիաթներ էր պատմում։

― Եթե տեսած լինեիր, չէիր ասի, որ հեքիաթ է, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Մի պահ եղավ, որ շատ ծանր էր։

― Que va, ― ասաց Պիլարը։ ― Մի երկու հեծյալ եկել են, կանգնել ու գնացել։ Հետո՞։ Այնպես եք խոսում, կարծես հերոսություն արած լինեք։ Դա դրանից է, որ շատ եք անգործ մնացել։

― Սորդոյի վիճակն էլ ծանր չէ, հա՞, ― ասաց Պրիմիտիվոն արդեն քամահրանքով։ Քամու հետ հասնող յուրաքանչյուր կրակոցի ձայնի հետ նրա դեմքին տառապանքի մի նոր արտահայտություն էր երևում, նա ուզում էր վեր կենալ ու գնալ֊կռվել, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա ուրեմն այս կինը գոնե հեռանար ու իրեն մենակ թողներ։

― Total, que?[104] ― ասաց Պիլարը։ ― Ինչ եղել է, եղել է։ Cojones ունես, տղամարդ մնա։ Ի՞նչ ես ուրիշի դարդն առել ու նստել։

― Դե ռադ եղիր, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Կնկա բութ, դաժան մի տեսակ կա, որ անտանելի է։

― Լավ, գնացի, որպեսզի վատ չզգան սերնդագործելու անընդունակ որոշ մարդիկ, ― ասաց Պիլարը, ― մանավանդ որ ոչինչ չի երևում այստեղից։

Հենց այդ պահին Ռոբերտ Ջորդանն ինքնաթիռի ձայն լսեց գլխավերևում։ Նայեց վերև, բարձր երկնքում մի ինքնաթիռ էր թռչում, կարծես այն, որ առավոտյան էր տեսել։ Վերադառնում էր ռազմաճակատի հետախուզությունից և գնում էր այն բարձրունքների ուղղությամբ, որտեղ Էլ Սորդոյի խումբը մարտի էր բռնվել։

― Եկավ չարագուշակ թռչունը, ― ասաց Պիլարը։ ― Կնկատի՞ կռիվը։

― Անպայման, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Նրանք նայում էին բարձր երկնքում գրեթե անշարժացած ու արևի շողերի մեջ արծաթին տվող ինքնաթիռին։ Իրենց ձախ կողմից էր գալիս, երևում էին պրոպելլերների պտույտից առաջացած լույսի երկու շրջանակներ։

― Պառկե՛ք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Ինքնաթիռն անցնում էր իրենց գլխավերևով, ստվերն ընկավ բացատի վրա, աղմուկը հասավ բարձրակետին։ Անցավ, ուղղվեց դեպի լեռները։ Ակնդետ հետևում էին մինչև անհետանալը, բայց ահա նորից հայտնվեց, լեռնապարի վրա երկու շրջան գործեց, հետո գնաց դեպի Սեգովիա ու անհայտացավ։

Ռոբերտ Ջորդանը նայեց Պիլարին։ Կինը գլուխը տարուբերեց, ճակատը քրտինքով էր պատվել։ Ներքևի շրթունքն առել էր ատամների արանքը։

― Ամենքս էլ մի բան ունենք, ― ասաց նա։ ― Իմն էլ սրանք են։

― Չլինի՞ իմ վախն էր, քեզ էլ վարակեցի, ― չարախնդաց Պրիմիտիվոն։

― Չէ, ― ասաց կինն ու ձեռքը դրեց նրա ուսին։ ― Դու վախկոտ չես, որ ուրիշին էլ վարակես։ Ես դա գիտեմ։ Ներիր, որ կատակս կոպիտ դուրս եկավ։ Բոլորս էլ մի օրի ենք։ Նույն տապակում ենք տապակվում։ ― Հետո դարձավ Ռոբերտ Ջորդանին, ― գնամ ուտելիք ու գինի ուղարկեմ։ Ուրիշ ի՞նչ բանի կարիք ունես։

― Առայժմ ոչ մի բանի։ Մյուսներն ո՞ւր են։

― Պահեստայինդ ներքևում է, ձիերի մոտ, ողջ ու անաղարտ, ― ասաց քմծիծաղելով։ ― Ամեն ինչ ծածկված է, ոչինչ չի երևում։ Ինչ որ տանելու ենք, կապած֊պատրաստ է։ Ուսապարկերիդ կողքին Մարիան է։

― Եթե պատահի, որ ինքնաթիռներն այս կողմ գան, աղջկան տար քարայր։

― Ճիշտ այդպես, տեր իմ Ingles, ― ասաց Պիլարը։ ― Քո գնչուին (ես նրան նվիրում եմ քեզ) ուղարկել եմ սունկ հավաքելու, որպեսզի նապաստակների հետ եփեմ։ Հիմա լավ սունկ կա, կարծում եմ, որ նապաստակներն հենց այսօր կուտենք, թեև եթե վաղվա, կամ մյուս օրվա մնային, ավելի համեղ կլինեին։

― Լավ է այսօր ուտենք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, և Պիլարն իր խոշոր ձեռքը դրեց նրա ուսին, այնտեղ, որտեղով ավտոմատի փոկն էր անցնում, հետո տարավ գլխին ու մատներով սկսեց մազերը խառնըշտկել։

― Ի՜նչ Ingles է, է՛հ, ― ասաց։ ― Հենց որ պատրաստ լինի, puchero֊ն[105] Մարիայի հետ կուղարկեմ։

Հեռավոր բարձունքներից եկող հրաձգության աղմուկը համարյա դադարել էր, միայն մեկ֊մեկ, երկար ընդմիջումներից հետո, առանձին կրակոցներ էին լսվում։

― Ի՞նչ ես կարծում, վե՞րջ, ― հարցրեց Պիլարը։

― Ոչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հրաձգությունից դատելով՝ հարձակումը ետ մղվեց։ Ֆաշիստներն հիմա շրջապատել են նրանց, մտել դիրքերը և սպասում են ինքնաթիռներին։

Պիլարը դարձավ Պրիմիտիվոյին։

― Լսի՛ր, դու գոնե հասկացա՞ր, որ քեզ վիրավորելու մտադրություն չեմ ունեցել ես։

― Ya lo se,[106] ― ասաց Պրիմիտիվոն։ ― Շատ ավելի վատ խոսքեր եմ լսել ես քեզանից։ Գարշելի լեզու ունես։ Բայց, կի՛ն, բերանիդ չափն իմացիր։ Սորդոն եղել է իմ լավ ընկերը։

― Իսկ իմը, չէ՞, ― հարցրեց Պիլարը։ ― Լսի՛ր, տափակ երես։ Պատերազմի ժամանակ դժվար է ասել, թե ինչ ես զգում։ Մեր ցավը մեզ հերիք է, Սորդոյինն էլ չշալակենք։

Պրիմիտիվոն մնում էր տակավին մռայլված։

― Լավ կանես դեղ խմես, ― ասաց Պիլարը նրան։ ― Ես գնամ ճաշը պատրաստեմ։

― Այդ requete֊ի փաստաթղթերը բերե՞լ ես, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ա՛յ թե հիմարն եմ, ― ասաց Պիլարը։ ― Մոռացել եմ։ Մարիայի հետ կուղարկեմ։

Գլուխ քսանվեցերորդ

Ցերեկվա ժամը երեքն էր, ինքնաթիռները դեռ չէին երևում։ Կեսօրին ձյունը լրիվ հալվել էր, արևը տաքացրել էր քարերը։ Երկնքում ամպեր չկային, և Ռոբերտ Ջորդանը նստեց քարերի մեջ, շապիկը հանեց, մեջքը շրջեց արևին ու սկսեց սպանված ձիավարի գրպանից հանված նամակներն ընթերցել։ Մերթ ընդ մերթ ընդհատում էր ընթերցանությունը և նայում էր բացատից այն կողմ՝ անտառին, լեռնապարին, հետո վերստին շարունակում էր կարդալ։ Հեծելազորը այլևս չէր երևացել։ Երբեմն֊երբեմն կրակոցներ էին լսվում Էլ Սորդոյի ճամբարի կողմից։ Բայց հրաձգությունն արդեն պատահական բնույթ էր կրում։

Զինվորական փաստաթղթերն ստուգելիս նա իմացավ, որ տղան Տաֆալայից է եղել, նավառեցի, քսանմեկ տարեկան, ամուրի, դարբնի որդի։ Երբ կարդաց, որ հեծելազորային «N» գնդից է, զարմացավ, որովհետև կարծում էր, որ այդ գունդը հյուսիսում է։ Կարլիստ էր և պատերազմի սկզբին վիրավորվել էր Իրունի համար մղվող մարտերի ժամանակ։

Երևի տեսած կլինեմ Պամպլոնայում, Feri֊այի ժամանակ, երբ ցուլերի առաջն ընկած ամբոխի հետ անցել է փողոցներով, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Պատերազմի ժամանակ նրան չես սպանում, ում կուզեիր, ասաց ինքն իրեն։ Այսինքն, մեծ մասամբ, և ուղղվեց ու սկսեց նամակները կարդալ։

Ընթերցած առաջին նամակները շատ հանդիսավոր էին, խնամքով գրված և գրեթե սոսկ տեղական դեպքերին էին վերաբերում։ Քույրն էր գրել։ Ռոբերտ Ջորդանն այդ նամակներից իմացավ, որ Տաֆալայում ամեն ինչ կարգին է, հայրը լավ է, մայրը այնպես է, ինչպես միշտ, միայն երբեմն մեջքից է բողոքում, և հույս ունի, որ եղբայրը նույնպես լավ է, իսկ ինքը երջանիկ է, որ նա կռվում է կարմիրների դեմ՝ մարքսիստական հորդաների տիրապետությունից Իսպանիան ազատագրելու համար։ Վերջում մի ամբողջ ցուցակ էր բերել նախորդ նամակից հետո զոհված ու ծանր վիրավորված տաֆալացի տղաների։ Տասը հոգի սպանվել էին։ Տաֆալայի նման փոքրիկ մի գյուղաքաղաքի համար դա մեծ թիվ է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։

Նամակը փոքր֊ինչ շատ էր կրոնաբույր․ քույրը գրում էր, թե ինքն աղոթում է սուրբ Անտոնիուսին, Պիլարի օրհնյալ կույսին, մյուս կույսերին, որպեսզի պահպանեն եղբորը, և հորդորում էր նրան, որպեսզի երբեք չմոռանա, որ Հիսուսի սուրբ սիրտը միշտ էլ պահապան է լինելու իրեն՝ քանի կպցված է կրծքին, իր սրտի վրա, չէ՞ որ ապացուցված է բազմաթիվ օրինակներով (այս բառերն ընդգծված էին), որ սուրբ նշանը խափանում է գնդակները։ Ինչպես միշտ նա մնում էր իրեն սիրող քույրը՝ Կոնչան։

Նամակի եզրերը մի փոքր քրքրված էին, Ռոբերտ Ջորդանն այն նորից դրեց զինվորական փաստաթղթերի հետ և մի այլ նամակ բացեց, նվազ փութաջան ձեռագրով։ Տղայի novia֊յից էր, նշանածից։ Այդ նամակի ոճն էլ ծանր էր ու հանդիսավոր, բայց և մեծ տագնապ էր պարունակում երիտասարդի բախտի համար։ Ռոբերտ Ջորդանը դա էլ կարդաց, ծալեց, հետո բոլոր նամակներն ու փաստաթղթերը դրեց շալվարի ետևի գրպանը։ Մյուս նամակները չուզեց կարդալ։

Կարծում եմ, որ մի բարի գործ կատարել եմ այսօր, ասաց ինքն իրեն։ Կարծում եմ, որ կատարել եմ, այո, կրկնեց նա։

― Այդ ի՞նչ էիր կարդում, ― հարցրեց Պրիմիտիվոն։

― Առավոտվա ձիավորի փաստաթղթերն ու նամակները։ Ուզո՞ւմ ես, վերցրո՛ւ։

― Կարդալ չգիտեմ, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Հետաքրքիր բան կա՞ր։

― Չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Անձնական նամակներ են։

― Ո՞նց են գործերն այնտեղ, որտեղից որ եկել է։ Ի՞նչ են գրում։

― Ոնց որ լավ են, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իրենց գյուղաքաղաքից բավական շատ զոհվածներ կան։ ― Նայեց ցած, գնդացրի քողարկմանը, որ ձյան հալվելուց հետո մի փոքր փոփոխված էր երևում։ Հիմա տեսքն ավելի բնական էր։ Նայեց շուրջբոլորը։

― Ո՞ր քաղաքից է, ― հարցրեց Պրիմիտիվոն։

― Տաֆալայից, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Այո, ասաց ինքն իրեն, ցավում եմ, եթե իմ ցավելը կարող է մեկն ու մեկին օգնել։

Չի կարող, ասաց ինքն իրեն։

Ուրեմն, վերջ տուր, ասաց ինքն իրեն։

Լավ, վերջ տվեցի։

Բայց այդքան հեշտությամբ վերջ տալ չէր լինում։ Քանի՞ հոգի սպանած կլինես, հարցրեց ինքն իրեն։ Չգիտեմ։ Մի՞թե կարծում ես, որ դու սպանելու իրավունք ունես։ Ոչ։ Բայց պարտավոր եմ։ Սպանածներիցդ քանիսն էին իսկական ֆաշիստ։ Շատ քչերը։ Բայց բոլորն էլ եղել են թշնամիներ, մենք ուժին ուժ ենք հակադրել։ Բայց նավառացիներին դու ավելի ես սիրում, քան Իսպանիայի որևէ այլ վայրի բնակիչների։ Այո։ Եվ սպանում եմ նրանց։ Այո։ Թե չես հավատում, գնա ճամբար ու տես։ Դու չգիտե՞ս, որ սպանելը վատ բան է։ Գիտեմ։ Բայց սպանում ես։ Այո։ Եվ տակավին համոզված ես, որ ձեր գործն արդա՞ր է։ Այո։

Արդար է, ասաց ինքն իրեն, և ասաց ոչ թե ինքնահանգստացման համար, այլ հպարտությամբ։ Ես հավատում եմ ժողովրդին, հավատում եմ, որ նա իրավունք ունի կառավարելու իրեն այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Բայց սպանություններին պետք չէ կողմ լինես, ասաց ինքն իրեն։ Պետք է սպանել միայն անհրաժեշտության պարագային՝ երբեք կողմ չլինելով։ Եթե սպանություններին կողմ եղար, ուրեմն այդ գործը սխալ է։

Բայց ի՞նչ ես կարծում, քանի՞ հոգի սպանած կլինես։ Չգիտեմ, որովհետև հաշիվը չեմ պահում։ Բայց, այնուամենայնիվ, գիտե՞ս։ Այո։ Քանի՞ հոգի։ Հաստատ չեմ կարող ասել քանի։ Գնացքներ պայթեցնելիս շատ եմ սպանել։ Շատ շատ, բայց թե քանի՞ հոգի, հաստատ չեմ կարող ասել։ Քսանից ավելի։ Իսկ դրանցից քանի՞սն են իսկական ֆաշիստ եղել։ Երկուսը հաստատ գիտեմ։ Որովհետև ինքս եմ գնդակահարել, երբ գերի վերցրեցինք Ուսերայում։ Եվ դժկամությա՞մբ արեցիր այդ բանը։ Ոչ։ Հաճույքո՞վ։ Ոչ։ Եվ որոշեցի այլևս երբեք չանել այդ բանը։ Ու այդ օրվանից խուսափեցի դրանից։ Ես միշտ խուսափել եմ անզեն մարդկանց սպանելուց։

Լսի՛ր, ասաց ինքն իրեն։ Վերջ տուր այս ամենին։ Սա շատ վնասակար է և՛ քեզ համար, և՛ քո գործի։ Հետո դարձյալ ասաց ինքն իրեն․ լսո՞ւմ ես, դու շատ լուրջ գործ ես անում, դրա համար էլ ես ուզում եմ ամեն առիթով համոզվել, որ դու հասկանում ես դա։ Ես ուզում եմ, որ քո ուղեղում ամեն ինչ հստակ լինի։ Որովհետև, եթե այս ամենը բացարձակապես հստակ չլինի քո ուղեղում, դու իրավունք չունես անելու այն, ինչ անում ես, քանի որ քո յուրաքանչյուր արարքը ոճիր է, և ոչ ոք իրավունք չունի մեկ ուրիշի կյանքը խլելու, եթե դա անհրաժեշտ չէ այլ մարդկանց սպառնացող չարիքները կանխելու համար։ Այո, ամեն ինչ պարզ պետք է լինի, հստակ, և ինքդ քեզ մի խաբիր։

Բայց սպանվածների հաշիվը ո՛չ ռազմական ավարի ցուցակների տեսքով կպահեմ, ո՛չ էլ հրացանիս կոթին խազեր քաշելու այդ զզվելի գործով կզբաղվեմ։ Իսկ սպանածներիս հաշիվը չպահելու իրավունքը ես ունեմ, ունեմ նաև մոռանալու իրավունք։

Ո՛չ, ասաց ինքն իրեն։ Դու ոչ մի բան մոռանալու իրավունք չունես։ Դու իրավունք չունես ոչ մի բանի վրա աչք փակելու, ո՛չ մոռանալու իրավունք ունես, ո՛չ մեղմացնելու, ո՛չ փոփոխելու։

Լռի՛ր, ասաց ինքն իրեն։ Դառնում ես ահավոր ճոռոմ։

Ոչ էլ խաբելու ինքդ քեզ, շարունակեց նա։

Լավ, ասաց ինքն իրեն։ Շնորհակալություն բոլոր բարի խորհուրդների համար, իսկ այն, որ սիրում եմ Մարիային, լա՞վ է։

Այո՛, ասաց ինքն իրեն։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ, համաձայն հասարակության մասին զուտ մատերիալիստական հայացքի, սեր գոյություն չունի։

Բայց դու ի՞նչ կապ ունես նման հայացքի հետ, հարցրեց ինքն իրեն։ Ոչ մի։ Եվ երբեք էլ չես ունենա։ Դու իսկական մարքսիստ չես և դու գիտես դա։ Դու հավատում ես Ազատության, Հավասարության և Եղբայրության։ Դու հավատում ես Կյանքին, Ազատության և երջանկության իրավունքին։ Շատ մի՛ փքվիր դիալեկտիկայի քո գիտելիքներով։ Դա ուրիշների համար է, ոչ թե քո։ Դու պետք է իմանաս դրանք, որպեսզի ծծկեր երեխա չհամարեն քեզ։ Դու շատ բաներ մի կողմ ես դրել, սոսկ մի նպատակի համար՝ պատերազմը շահելու։ Եթե այս պատերազմը տանուլ տանք, ամեն ինչ տանուլ կտանք։

Հետագայում կարող ես մի կողմ գցել այն ամենը, ինչին չես հավատում։ Շատ բաներ կան, որոնց չես հավատում, և կան շատ բաներ, որոնց հավատում ես։

Եվս մի բան։ Ձեռ չառնես սերը։ Իմացի՛ր, շատ մարդկանց բախտը չի ժպտում երբևէ սիրելու և սիրվելու։ Քեզ էլ առաջին անգամ է պատահել։ Քո և Մարիայի միջև եղածը, թեկուզ եթե միայն այսօր ու վաղը լինի, կամ լինի նույնիսկ երկար տարիներ, ամենակարևոր բանն է, որ կարող է հանդիպել մարդ արարածի կյանքում։ Միշտ էլ կլինեն մարդիկ, որ կասեն, թե դա գոյություն չունի, կասեն, որովհետև իրենք չեն ճաշակել այդ։ Բայց ես ասում եմ քեզ, որ դա ճշմարիտ է, որ դու ճաշակեցիր այդ և դու երջանիկ ես, եթե նույնիսկ մեռնես վաղը։

Բավական է շաղակրատես մահվան մասին, ասաց ինքն իրեն։ Դա մեր ոճը չէ։ Այդ ոճով մեր անարխիստ ընկերներն են խոսում։ Հենց որ գործերն սկսում են վատանալ, մտածում են կրակ տալ մի բանի և մեռնել։ Արտառոց մտածելակերպ է։ Շատ արտառոց։ Դե լավ, ծերուկ, այս օրն էլ ենք կարծես մթնեցնելու, ասաց ինքն իրեն։ Արդեն ժամը երեքն է դառնում, շուտով ճաշը կբերեն։ Սորդոյի մոտ դեռ կրակում են, նշանակում է պաշարել են ու սպասում են նոր ուժերի։ Հավանաբար։ Դե մինչև մութն ընկնելը պիտի վերջացնեն։

Տեսնես ի՞նչ է կատարվում Սորդոյի մոտ։ Նույնը, ինչ մեզ մոտ է լինելու շուտով։ Կարծում եմ, որ շատ էլ ուրախ չի հիմա այնտեղ։ Այ թե խաղի բերեցինք Սորդոյին այդ ձիերի պատմությունով։ Իսպաներեն ո՞նց կասեին։ Un callejon sin salida: Փակուղի։ Կարծում եմ, որ ես դուրս կգայի։ Պիտի պարզապես վերցնես ու անես, և կլինի։ Բայց ինչ շքեղություն է, երբ պատերազմի ժամանակ պաշարման մեջ գտնվողները կարող են անձնատուր լինել։ Estamos capados: Պաշարված ենք։ Այս պատերազմում ամենից ավելի խուճապ պարունակող ճիչը սա է եղել։ Դրանից հետո գնդակահարվում ես։ Եթե, իհարկե, բախտդ բերեց ու ավելի վատ բան չեղավ։ Սորդոյի բախտը չբերեց։ Ոչ էլ սրանցը կբերի, երբ ժամանակը գա։

Ժամը երեքն է։ Լսեց հեռու֊հեռվից եկող մի հռնդյուն, նայեց վերև ու տեսավ ինքնաթիռները։

Գլուխ քսանյոթերորդ

Էլ Սորդոն մարտն ընդունում էր բլրի գագաթին։ Դուր չէր գալիս նրան այդ բլուրը, շանկրի տպավորություն էր թողնում վրան։ Բայց այլ ընտրության հնարավորություն չէր ունեցել, և տակավին հեռվից նկատելով այն՝ քառատրոփ սկսել էր սուրալ լանջն ի վեր՝ գնդացիրը ձիու գավակին, փողի ծանրությունն ընկած ազդրի վրա, մի կողմից նռնակների, մյուսից՝ գնդացրի սկավառակների պարկերը կախած։ Էլ Սորդոն արագ֊արագ խթանում էր ձին, իսկ Խոակինն ու Իգնասիոն մերթընդմերթ կանգ էին առնում, կրակում, որպեսզի նա կարողանա գնդացիրը տեղ հասցնել։

Ձյունը դեռ չէր հալվել, ձյունը, որ իրենց կործանման պատճառն էր դարձել։ Ձին խփվեց և երբ կենդանին հևասպառ, թեթևակի ցնցումներով շարունակեց բարձրանալ դեպի գագաթը տանող վերջին հատվածը, ցրքտելով ձյան փայփլուն շիթերը, Սորդոն երասանը գցեց ուսն ու սկսեց քարշ տալ ձին դեպի վեր։ Բարձրանում էր ուժերի ամբողջ լարումով՝ տեղացող գնդակների տարափի տակ, երկու ծանր պարկերն ուսերին։ Երկու ժայռի արանքում բռնեց ձիու բաշն ու արագ, վարպետորեն կրակեց, ձին ընկավ հենց այդտեղ, գլուխը դեպի ստորոտը ու փակեց ժայռերի միջև ընկած տարածությունը։ Սորդոն գնդացիրը տեղավորեց ձիու ետևն ու երկու սկավառակ կրակեց։ Դատարկ պարկուճները թափվում էին ձյան վրա։ Գնդացրի տաքացած փողը նստած էր ձիու մեջքին և այրվող մազի հոտ էր գալիս, և նա կրակում էր յուրաքանչյուր բլուր բարձրացողի վրա, ստիպելով թաքնվել և այդ ամբողջ ժամանակամիջոցում սարսուռ էր զգում թիկունքում, որովհետև չգիտեր, թե ինչ է կատարվում այնտեղ։ Երբ իր հինգ մարդկանցից վերջինն էլ հասավ բլրի գագաթը, սարսուռն անցավ, և կրակելն ընդհատեց, որպեսզի խնայի փամփուշտները։

Երկու ձի խփվել էին բլրի լանջին, երեքը՝ այստեղ, գագաթին։ Երեկ գիշեր միայն երեք ձի էին կարողացել փախցնել, որոնցից մեկն այս առավոտյան փախել էր, երբ հրաձգությունն էր սկսվել ու տղաներից մեկը փորձել էր առանց թամբելու հեծնել։

Գագաթ հասած հինգ հոգուց երեքը վիրավոր էին։ Սորդոյի մի վերքը սրունքի ձկնամկանի վրա էր, երկուսը ձախ թևին էին։ Արյունահոսությունը դադարել էր, թևի մի վերքը շատ էր ցավում։ Ծարավից տանջվում էր։ Մի անտանելի գլխացավ էր բռնել ու, սպասելով ինքնաթիռներին, իսպանական մի կատակ հիշեց․ «Hay que tomar la muerte como si fuera aspirina», որ նշանակում էր՝ «Ասպիրինի պես կընդունես մահը»։ Բայց բարձրաձայն չասաց այդ կատակը։ Քմծիծաղեց տանջող գլխացավից ու ամեն մի շարժումից ներսը տակնուվրա անող թևի վերքի ցավից կնճռոտվելով և նայեց շուրջը՝ խմբից ետ մնացած տղաներին։

Հինգ հոգի էին, դիրքավորվել էին հինգթևանի աստղի նմանությամբ։ Ծնկներով ու ձեռքերով փորում էին գետինը, հողից ու քարերից թմբիկներ սարքում, որպեսզի գլուխն ու ուսերը պատսպարեն։ Երբ ամեն մեկն իր թմբիկը պատրաստել էր, սկսեցին դրանց արանքներում քարեր ու հող լցնել։ Տասնութամյա Խոակինը պողպատյա մի սաղավարտ էր ձեռք գցել, դրանով փորում էր ու հողը փոխանցում մյուսներին։

Սաղավարտը ձեռք էր բերել գնացքի պայթեցման ժամանակ։ Փամփուշտից առաջացած ծակ կար վրան, նրան միշտ ձեռ էին առել, որ դեն չի գցում այն։ Բայց նա մուրճով հարթեցրել էր ծակի շուրջ գոյացած սուր ցցվածքները, ծակի մեջ փայտ խրել և սաղավարտի հարթությամբ կտրել էր այն։

Երբ հրաձգությունը սկսվեց, նա այնպիսի թափով սաղավարտը քաշեց գլխին, որ թվաց, թե կաթսայով հարվածեցին գանգին։ Ձին խփվեց և Խոակինը վազեց շնչակտուր, ոտներն հազիվ քարշ տալով, բերանը չորացած, գնդակների տարափի, սուլոցի, պայթյունների տակ, իսկ սաղավարտն ահավոր ծանրությամբ ճնշում էր գլխին ու երկաթյա շիկացած օղակի նման սեղմում ճակատը։ Բայց նա չհանեց այն ու դեն չգցեց։ Հիմա դրանով փորում էր, փորում էր մեքենայի նման՝ անդուլ ու միալար։ Դեռ չէր վիրավորվել։

― Վերջապես մի բանի ծառայեց, ― ասաց Սորդոն իր թավ, խռպոտ ձայնով։

― Resistir y fortificar es vencer, ― ասաց Խոակինը թուքը բերանի մեջ ավելի շուտ վախից, քան մարտի ժամանակ սովորաբար զգացվող ծարավից չորացած։ Կոմունիստական կուսակցության լոզունգներից էր և նշանակում էր՝ դիմադրիր ու ամրություն ստեղծիր, և կհաղթես։

Սորդոն նայեց շուրջը, զառիթափին, որտեղից մի ձիավոր, գլաքարի ետևը թաք մտած, պատրաստվում էր կրակելու։ Սորդոն շատ էր սիրում տղային, բայց այս պահին լոզունգներ լսելու տրամադրություն չուներ։

― Ի՞նչ ասացիր, ― հարցրեց մեկը, թողնելով խրամատավորման աշխատանքը։ Նա պառկած էր երեսնիվայր, կզակը գետնին, և ձեռքերով մի քար էր տեղավորում։ Խոակինը, առանց մի պահ իսկ դադարեցնելու փորելը, պատանու առնականացող ձայնով կրկնեց լոզունգը։

― Վերջին բառն ի՞նչ էր, ― հարցրեց նույն պարտիզանը կզակը գետնին հպած։

― Vencer, ― ասաց տղան։ ― Կհաղթես։

― Mierda,[107] ― ասաց կզակը գետնին հպած պարտիզանը։

― Բայց մի լոզունգ կա, որ ավելի հարմար է այս պարագայի համար, ― ասաց Խոակինը, թալիսմանների նման մեջտեղ հանելով դրանք։ ― Պասիոնարիան ասում է՝ ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել։

― Դարձյալ mierda, ― ասաց նույն պարտիզանը, իսկ մի ուրիշը նրա թիկունքից ավելացրեց։ ― Մենք ոչ թե ծնկաչոք ենք, այլ փորի վրա։

― Լսի՛ր, դո՛ւ, կոմունիստ։ Գիտե՞ս, որ քո Պասիոնարիան քո տարիքի տղա ունի, որը պատերազմի սկզբից մինչև օրս Ռուսաստանում է։

― Սուտ է, ― ասաց Խոակինը։

― Que va, սուտ է, ― ասաց մյուսը։ ― Այն տարօրինակ անունով դինամիտավորն է ինձ ասել։ Նա էլ ձեր կուսակցությունից էր։ Ինչո՞ւ պետք է ստեր։

― Սուտ է, ― ասաց Խոակինը։ ― Պասիոնարիան այդպիսի բան չէր անի, նա իր տղային Ռուսաստանում չէր թաքցնի, երբ այստեղ կռիվ է։

― Ես կուզեի Ռուսաստանում լինել, ― ասաց Սորդոյի տղաներից մեկը։ ― Քո այդ Պասիոնարիան ինձ Ռուսաստան չի՞ ուղարկի հիմա, կոմունիստ։

― Եթե դու այդքան հավատում ես քո Պասիոնարիային, մի բան արա՝ թող գա մեզ այստեղից պրծացնի, ― ասաց վիրակապած ազդրով մի պարտիզան։

― Ֆաշիստները ուր որ է կանեն դա, ― ասաց կզակը գետնին հպած մարդը։

― Այդպես մի՛ խոսիր, ― ասաց Խոակինը։

― Շրթունքներիդ վրայից մորդ կրծքի կաթը սրբիր ու ինձ հող տուր քո այդ սաղավարտով, ― ասաց կզակը գետնին մարդը։ ― Մեզնից ոչ մեկն այսօր արևի մայր մտնելը չի տեսնի։

Էլ Սորդոն մտածում էր․ այս բլուրը ոնց որ շանկր լինի։ Կամ էլ դեռատի աղջկա կուրծք, հարթ պտուկով։ Կամ էլ հրաբխի խառնարան։ Դու հրաբուխ չես տեսել, մտածեց նա։ Ոչ էլ երբևէ կտեսնես։ Իսկ այս բլուրը շանկրի է նման։ Հրաբուխն հանգիստ թող։ Հրաբխի մասին մտածելն արդեն ուշ է։

Ձիու վզակոթի վրայով շատ զգուշորեն նայեց շուրջը, ներքևից, մի գլաքարի ետևից գնդացիրն սկսեց կրակել, նա լսում էր ձիու մարմնի մեջ խրվող փամփուշտների ձայնը։ Սորդոն սողալով անցավ ձիու և ժայռի արանքում գոյացած բացվածքի դիմացն ու շարունակեց նայել այդտեղից։ Իրենից մի փոքր ներքև, զառիթափի վրա երեք դիակ կար։ Դրանք ընկել էին, երբ ֆաշիստների գնդացրի կրակի ծածկույթի տակ փորձել էին գրավել բարձունքը, բայց Սորդոն ու մյուսները նռնակներով և կրակոցներով ետ էին մղել գրոհը։ Բլրի գագաթի մյուս կողմում էլ դիակներ կային, բայց այդտեղից չէին երևում։ Չորսբոլորը բաց էր, հնարավոր չէր ինչ֊որ բանի ետևում պատսպարվելով հասնել գագաթը, և Սորդոն գիտեր, որ քանի իր չորս տղաները կենդանի են ու զինամթերքը չի վերջացել, չեն կարող իրեն դուրս մղել այդտեղից, եթե, անշուշտ, ականանետ չբերեն։ Չգիտեր, գուցե գնացել են Լա Գրանխայից ականանետ բերելու։ Գուցեև ոչ, բայց շատ շուտով, և նա կարող էր հաստատորեն ասել դա, ինքնաթիռները կգան, որովհետև իրենց գլխավերևում հետախույզ ինքնաթռի թռիչքից հետո արդեն չորս ժամ էր անցել։

Այս բոլորը իսկապես որ շանկրի նման է, մտածեց Սորդոն, մենք էլ դրա ամենաթարախային մասն ենք։ Բայց լավ կոտորեցինք դրանց, երբ հիմարաբար փորձեցին գրոհով գրավել բարձունքը։ Տեսնես ինչի՞ վրա էին հույսները դրել։ Երևի իրենց նորագույն զենքերի՞։ Գլուխներն հակած վազելով բարձրացող զինվորներին գրոհի տանող երիտասարդ սպան սպանվել էր, երբ զառիթափով գլորված իր նռնակը պայթել էր։ Նռնակի պայթյունից առաջացած թնդյունի և դեղին ծխի մեջ Սորդոն տեսել էր փուլ եկած սպային, որն հիմա պառկել էր այդտեղ՝ հնացած շորերի ծանր ծրարի նման, որից այս կողմ ոչ ոքի չհաջողվեց անցնել։ Սորդոն նայեց այդ դիակին, հետո ավելի ցած՝ մյուս ընկածներին։

Քաջ մարդիկ են, բայց հիմար են, մտածեց նա։ Սակայն երևի արդեն գիտակցեցին, որ իմաստ չունի գրոհելը մինչև ինքնաթիռների գալը կամ ականանետ բերելը։ Հենց ականանետը բերեցին, վերջ։ Բայց լավ է ականանետ լինի, ավելի բնական է, քան ինքնաթիռը։ Երբ մտածեց, որ կարող են ինքնաթիռներ գալ, այնպիսի մի զգացողություն ունեցավ, կարծես մերկացած կանգնել էր բլրի գագաթին, և ոչ միայն հագուստներն էին հանված, այլև մաշկն էին քերթել։ Հազիվ թե մեկն ու մեկն իրեն ավելի մերկ զգա, քան ես եմ զգում, մտածեց նա։ Մաշկած նապաստակը, եթե ինձ հետ համեմատես, արջի մորթի հագած կթվա։ Բայց ինչո՞ւ պիտի ինքնաթիռներ գան։ Ականանետով էլ կարող են հեշտությամբ մեր վերջը տալ։ Բայց շատ են պարծենում իրենց ինքնաթիռներով, այնպես որ հավանական է բերել տան։ Ոնց որ իրենց ավտոմատ հրացաններով պարծենալով այդպիսի հիմար գրոհ ձեռնարկեցին։ Բայց անկասկած ուղարկած կլինեն մեկին, որպեսզի ականանետ բերեն։

Տղաներից մեկը կրակեց։ Հետո քաշեց փակաղակն ու շտապ մեկ էլ կրակեց։

― Փամփուշները խնայիր, ― ասաց Սորդոն։

― Պոռնկի ծնունդը սողալով գալիս էր դեպի այդ քարը, ― մատով ցույց տվեց նա։

― Խփեցի՞ր, ― հարցրեց Սորդոն՝ դժվարությամբ շրջելով գլուխը։

― Ոչ, ― ասաց պարտիզանը։ ― Բիճը քարի ետևն անցավ։

― Այդ Պիլարը պոռնիկներից ամենապոռնիկն է, ― ասաց ծնոտը գետնին հպած տղամարդը։ ― Այդ պոռնիկը գիտի, որ մենք այստեղ մեռնում ենք։

― Նա մեզ չի կարող օգնել, ― ասաց Սորդոն՝ առանց գլուխը շրջելու։ Խոսողը նրա առողջ ականջի կողմն էր, և նա լսել էր նրա ասածը։ ― Ի՞նչ կարող է անել։

― Թիկունքից խփի այս քածերին։

― Que va, ― ասաց Սորդոն։ ― Նրանք սփռվել են հիմա բլրի շուրջը։ Պիլարը ո՞նց կարող է թիկունքից գալ։ Հարյուր հիսուն հոգի կլինեն այստեղ։ Հիմա կարող է ավելի էլ լինեն։

― Եթե կարողանանք մինչև մութն ընկնելը դիմանալ, ― ասաց Խոակինը։

― Եթե Ծնունդն էլ Զատկին լինի, ― ասաց ծնոտը գետնին հպած մարդը։

― Եթե մորաքույրդ էլ cojones ունենար, քեռի կլիներ, ― ասաց մեկ ուրիշը։ ― Պասիոնարիայիդ իմաց արա։ Միայն նա կարող է մեզ օգնել։

― Ես չեմ հավատում նրա տղայի մասին ասածներիդ, ― ասաց Խոակինը։ ― Իսկ եթե այնտեղ է, ուրեմն օդաչուություն է սովորում կամ էլ նման մի բան։

― Թաքնվել է, որպեսզի ապահով լինի, ― ասաց նույն մարդը։

― Դիալեկտիկա է ուսումնասիրում։ Քո Պասիոնարիան էլ այնտեղ է եղել։ Լիստերն էլ, Մոդեստոն էլ, ուրիշներն էլ։ Տարօրինակ անունով մարդն ինձ ասաց։

― Թող գնան սովորեն, հետո կվերադառնան ու կօգնեն մեզ, ― ասաց Խոակինը։

― Թող հիմա օգնեն, ― ասաց մեկ ուրիշը։ ― Թող այդ ծծկեր խաբեբաները հիմա օգնեն։ ― Կրակեց ու, ― Me cago en tal: Նորից վրիպեցի, ― ասաց։

― Փամփուշտներդ խնայիր ու այդքան շատ մի խոսիր, թե չէ կծարավես, ― ասաց Սորդոն։ ― Այս բլրի վրա ջուր չկա։

― Վերցրո՛ւ, ― ասաց խոսողն ու շրջվելով հանեց ուսից կախած գինու կաշեշիշը և մեկնեց Սորդոյին։ ― Ողողի՛ր բերանդ, ծերուկ։ Դու շատ ծարաված կլինես, վիրավոր ես։

― Տուր բոլորն էլ թող խմեն, ― ասաց Սորդոն։

― Որ այդպես է, առաջինը ես խմեմ, ― ասաց կաշեշշի տերը, մի լավ ումպ արեց ու փոխանցեց կողքինին։

― Սորդո, ի՞նչ ես կարծում, ինքնաթիռները երն կգան, ― հարցրեց ծնոտը գետնին հպած մարդը։

― Հիմա, ուր որ է, ― ասաց Սորդոն։ ― Պետք է արդեն եկած լինեին։

Ի՞նչ ես կարծում, այս պոռնիկի ծնունդները էլի կգրոհե՞ն։

― Միայն այն դեպքում, եթե ինքնաթիռները չգան։

Նա մտածեց, որ կարիք չկա ականանետի մասին խոսք բացելու։ Երբ որ բերեն, այն ժամանակ էլ թող իմանան։

― Աստված գիտի, թե ինչքան ինքնաթիռ ունեն, երեկ այդ ինչքա՜ն տեսանք։

― Շա՜տ շատ, ― ասաց Սորդոն։ Գլխացավը չէր անցնում, իսկ թևը փայտացել էր, և երբ շարժում էր, անտանելի ցավեր էր զգում։ Առողջ ձեռքով կաշվեշիշը տարավ բերանին, գլուխը բարձրացրեց դեպի ամառնամուտի փայլուն, բարձր, կապույտ երկինքը։ Հիսուներկու տարեկան էր, և հաստատ գիտեր, որ վերջին անգամ է տեսնում այս երկինքը։

Նա մեռնելուց չէր վախենում, նրան ցավ էր պատճառում այն, որ ընկել էր թակարդը և քաշվել էր այս բլրի բարձունքը, որտեղ մեռնելուց բացի ոչինչ կարելի չէ անել։ Եթե կարողանայինք ժամանակին ճեղքած լինել, մտածեց նա։ Եթե կարողանայինք քաշվել հովիտը կամ էլ ճեղքել֊անցնել ճանապարհի կողմը, ամեն ինչ կարգին կլիներ։ Բայց արի տես, որ այս բլրի վրա ենք, այս շանկրի։ Դե հիմա ինչքան կարող ենք, այնքան ժամանակ կօգտվենք այս բլրի հնարավորություններից, առայժմ որ շատ լավ ենք օգտվել։

Եթե նա նույնիսկ իմանար, թե պատմության ընթացքում քանի մարդ մեռնելու համար օգտվել է բլուրների ընձեռած հնարավորությունից, դա մխիթարություն չէր լինի, որովհետև ոչ մեկի համար էլ թեթևացում չէ մեկ ուրիշի նույնպես նման պայմաններում մեռած լինելը, այնպես, ինչպես հենց նոր այրիացած կնոջ վիշտը չի մեղմանում նրանից, որ ուրիշ սիրեցյալ ամուսիններ ևս մահացել են։ Այսպես թե այնպես, վախենաս թե չվախենաս մահից, դժվար է այդ մտքի հետ հաշտվելը։ Սորդոն հաշտվել էր, բայց ոչ հաճույքով, չնայած որ հիսուներկու տարեկան էր, երեք տեղից վիրավորված, իսկ բլուրը շրջապատված էր։

Մտովի ձեռ էր առնում ապրելու իր տենչը, բայց երբ նայում էր կապույտ երկնքին, հեռվում երևացող լեռներին ու խմում գինին, զգում էր, որ չի ուզում մեռնել։ Եթե մարդը պետք է մեռնի, իսկ դա կասկածից վեր է, մտածում էր նա, կարող եմ և մեռնել։ Բայց ատում եմ մահը։

Մեռնելը ոչինչ, ոչինչ չէր առաջացնում մեջը, ոչ մի պատկեր, ոչ իսկ վախ։ Մինչդեռ ապրելը, ապրելը սարալանջին քամուց օրորվող ցորենի անդաստան էր։ Ապրելը երկնքում սավառնող բազե էր։ Փոշով ու մղեղով բռնված կալում կավե կժի սառնորակ ջուր էր։ Ապրելը սրունքներիդ մեջ սեղմված ձիու լանջ էր, ազդրիդ հանգչող հրացան էր, բլուր էր, հովիտ էր, ծառերով եզերված գետակ էր և հովիտներից ու լեռներից դենն ընկած հեռաստաններ էր։

Սորդոն գինու կաշեշիշը վերադարձրեց տիրոջն ու գլխով շնորհակալություն հայտնեց։ Նա կռացավ և թփթփացրեց սպանված ձիու գավակը, այն մասը, որի վրա նստել էր գնդացրի փողը և այրվել։ Այրված ստեների հոտը տակավին զգացվում էր։ Նա հիշեց, թե ինչպես կանգնեցրեց ձիուն այդտեղ, ինչպես էր դողում կենդանին, ինչպես էին սուրում և կտկտում գնդակները՝ թռչելով իրենց վրայով ու կողքերով, իսկ իրենք կարծես վարագուրված լինեին, ինչպես վարպետորեն կրակեց ձիու ականջներն ու աչքերն հատող գծի կենտրոնին։ Հետո, երբ ձին ընկել էր, ինչպես ինքն իրեն գցեց նրա տաք, խոնավ մարմնի ետևը և քաշեց գնդացիրը, որովհետև ֆաշիստները բարձրանում էին իրենց հետքերով։

― Eras mucho caballo, ― ասաց նա, որ նշանակում էր՝ լավ ձի էիր։

Էլ Սորդոն այժմ պառկել էր իր առողջ կողի վրա և նայում էր վերև՝ երկնքին։ Նա պառկել էր դատարկ պարկուճների վրա, գլուխը պաշտպանված էր ժայռով, իսկ մարմինը՝ ձիու դիակով։ Վիրավոր ոտն ու ձեռը փայտացել էին և շատ ուժեղ ցավում էին, հոգնածությունից չէր ուզում շարժվել։

― Այդ ի՞նչ է կատարվում քեզ հետ, ծերուկ, ― հարցրեց կողքինը։

― Ոչինչ։ Մի փոքր հանգստանում եմ։

― Քնի՛ր, ― ասաց նույն մարդը։ ― Կզարթնեցնեն, երբ կսկսեն գալ։

Հենց այդ պահին զառիթափի ներքևից մեկը բղավեց․

― Լսե՛ք, բանդիտներ, ― ձայնը գալիս էր ժայռի ետևից, որտեղ զետեղված էր իրենց առավել մոտ գտնվող գնդացիրը։ ― Հանձնվե՛ք քանի դեռ ինքնաթիռները կտոր֊կտոր չեն արել ձեզ։

― Ի՞նչ է ասում, ― հարցրեց Սորդոն։ Խոակինը կրկնեց։ Սորդոն սողալով նորից մոտեցավ գնդացրին։

― Գուցե ինքնաթիռները չգան, ― ասաց նա։ Մի՛ պատասխանեք, ոչ էլ կրակեք։ Գուցե նորից փորձեն գրոհել։

― Իսկ եթե մի փոքր հայհոյե՞նք, ― հարցրեց պարտիզանը, որը Խոակինին Պասիոնարիայի որդու մասին էր ասել։

― Կարիք չկա, ― ասաց Սորդոն։ Մեծ ատրճանակդ տուր ինձ։ Ո՞վ մեծ ատրճանակ ունի։

― Ահա։

― Տուր։ ― Սորդոն կանգնեց ծնկների վրա, վերցրեց ինը միլիմետրանոց «Ստարը» և կրակեց գետնին, սպանված ձիու կողքին և սպասեց, հետո տարբեր ընդմիջումներով, ևս չորս անգամ կրակեց։ Սպասեց, հաշվեց մինչև վաթսուն ու վերջին անգամ կրակեց սպանված ձիու մարմնին։ Քմծիծաղեց և ատրճանակը ետ տվեց տիրոջը։

― Փամփուշտ լցրու, ― ասաց շշնջալով, ― ու բոլորդ էլ լռեք, ոչ մեկը չկրակի։

― Bandidos! ― գոռաց ժայռի ետևի մարդը։

Բլրի գագաթից ոչ ոք ոչինչ չպատասխանեց։

― Bandidos! Հանձնվե՛ք, քանի դեռ հազար կտոր չենք արել։

― Կտցում են, ― ուրախ շշնջաց Սորդոն։

Նա ուշադիր հետևում էր։ Մի մարդ գլուխը բարձրացրեց ժայռերի ետևից։ Բլրի գագաթից ոչ մի կրակոց չեղավ, և մարդը նորից գլուխը ետ քաշեց։ Սորդոն ուշադիր հետևում էր ու սպասում, բայց ոչ մի ուրիշ բան տեղի չունեցավ։ Սորդոն նայեց տղաներին, բոլորն էլ իրենց դիրքերից հետևում էին, թե ինչ է կատարվում զառիթափի վրա։ Երբ տղաները նկատեցին, որ նա նայում էր իրենց, գլուխները տարուբերեցին։

― Ոչ մեկդ չշարժվեք, ― շշնջաց նա։

― Պոռնիկի ծնունդներ, ― լսվեց նորից ժայռերի ետևից։

― Կարմիր խոզեր։ Ծնողապիղծներ։

Սորդոն քմծիծաղեց։ Առողջ ականջը շրջել էր ձայնի կողմն ու լսում էր հայհոյանքները։ Սա ասպիրինից լավ է, մտածեց նա։ Տեսնես քանիսին կփռենք։ Կարո՞ղ են այդքան հիմար լինել։

Ձայնը նորից լռեց և երեք րոպե ոչինչ չէր լսվում ու ոչ մի շարժում չէր նկատվում։ Հետո հարյուր յարդ իրենցից ցած գտնվող գլաքարի ետևից սնայպերը բարձրացավ ու կրակեց։ Գնդակը կպավ մի ժայռաբեկորի և սուր վզզոցով թռավ մի կողմ։ Հետո Սորդոն տեսավ, որ կռացած, գրեթե երկու տակ եղած մի մարդ ժայռերի ետևից, որտեղ գնդացիրն էր զետեղված դուրս թռավ և իրեն գցեց գլաքարի ետևը, սնայպերի մոտ և անհետացավ։

Սորդոն նայեց շուրջբոլորը։ Նշաններով իրեն հասկացրին, որ բլրալանջի մյուս կողմերում շարժում չի նկատվում։ Սորդոն ուրախ ժպտաց ու գլուխը շարժեց։ Սա տասն անգամ ավելի լավ է, քան ասպիրինը, մտածեց նա և սպասեց, և այնքան երջանիկ էր, որքան կարող է լինել միայն որսին սպասող որսորդը։

Ներքևում գնդացրի մոտից գլաքարի ետևն եկած մարդը խոսում էր սնայպերի հետ։

― Դու հավատո՞ւմ ես դրան։

― Չգիտեմ, ― ասաց սնայպերը։

― Տրամաբանական է, ― ասաց մարդը, որն սպա էր և այդ զորամասի հրամանատարը։ ― Պաշարված են։ Նրանց միայն մեռնել է մնում։

Սնայպերը չպատասխանեց։

― Ի՞նչ ես կարծում, ― հարցրեց սպան։

― Ոչինչ, ― ասաց սնայպերը։

― Կրակոցներից հետո որևէ շարժում նկատե՞լ ես։

― Ոչ մի։

Սպան նայեց թևի ժամացույցին։ Ժամը երեքից տասը րոպե էր պակաս։

― Ինքնաթիռները պետք է գային մի ժամ առաջ, ― ասաց նա։ Այդ պահին մի ուրիշ սպա էլ իրեն գցեց գլաքարի ետևը։ Սնայպերը մի կողմ քաշվեց, որպեսզի նրան էլ տեղ անի։

― Լսի՛ր, Պակո, ― ասաց առաջին սպան։ ― Քեզ ի՞նչ է թվում։

Երկրորդ սպան հևում էր գնդացրի մոտից մինչև գլաքարը բլրալանջն ի վեր վազելուց։

― Ես կարծում եմ, որ սա ծուղակ է, ― ասաց նա։

― Իսկ եթե չէ՞։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչպիսի ծիծաղելի վիճակում կլինենք մենք մեռած մարդկանց պաշարած պառկած սպասելով։

― Մենք արդեն ծիծաղելիից ավելի վատ բան արեցինք, հենց քիչ առաջ, ― ասաց երկրորդ սպան։ ― Նայիր զառիթափին։

Նա նայեց վերև, զառիթափին և տեսավ բլրի գագաթի մոտ փռված դիակները։ Այդտեղից երևում էին բարձունքի ժայռերը, Սորդոյի ձիու մարմինն ու դեպի իրենց ցցված սմբակները, նոր փորված հողի կույտերը։

― Ականանետից լուր չկա՞, ― հարցրեց երկրորդ սպան։

― Մի ժամից կլինեն այստեղ։ Եթե ոչ ավելի շուտ։

― Ուրեմն սպասիր ականանետերին։ Ինչ հիմարություն որ արեցինք, արդեն բավական է։

― Bandidos, ― գոռաց հանկարծ առաջին սպան՝ կանգնելով ոտքերի վրա և գլուխը դուրս հանելով գլաքարի հետևից․ այդ դիրքում նրան բլրի գագաթը ավելի մոտիկ թվաց։ ― Կարմիր խոզե՛ր։ Վախկոտնե՛ր։

Երկրորդ սպան նայեց սնայպերին և գլուխը տարուբերեց։ Սնայպերը շրթունքները սեղմած նայեց շուրջը։

Առաջին սպան շարունակում էր կանգնած մնալ այդպես՝ գլուխը գլաքարից բարձր պահած, դողացող ձեռքը ատրճանակի կոթին։ Հայհոյանքներ էր տեղում դեպի բլրի գագաթը։ Ոչինչ տեղի չունեցավ։ Եվ նա դուրս եկավ գլաքարի ետևից ու ամբողջ հասակով մեկ կանգնած բաց տարածությունում նայեց բլրի գագաթին։

― Կրակե՛ք, վախկոտնե՛ր, եթե կենդանի եք, ― գոռաց նա։ ― Կրակե՛ք, ես չեմ վախենում կարմիրներից, ինչքան էլ շատ գաք պոռնիկների պոռնիկի փորից։

Վերջին հայհոյանքը բավական երկար էր, և սպայի երեսը գոռոցից կարմրել էր, երակները ուռել էին։

Երկրորդ սպան, որը նիհար, արևառ դեմքով, հանդարտ աչքերով, բարակ ու երկարավուն շրթներով, մազակալած փոս ընկած այտերով մի մարդ էր, նորից տարուբերեց գլուխը։ Այդ գոռացող սպան էր, որ սրանից քիչ առաջ հրամայել էր գրոհով առնել բլուրը։ Երիտասարդ լեյտենանտը, որն սպանված ընկել էր զառիթափի վրա, այս լեյտենանտի՝ Պակո Բեռենդոյի ամենալավ ընկերն էր եղել։ Սա հիմա լսում էր կապիտանին, որը բացահայտ մոլուցքի մեջ բղավոցով հայհոյում էր։

― Դրանք իմ քրոջն ու մորը գնդակահարած խոզերն են, ― ասաց կապիտանը։ Նա կարմրադեմ էր, խարտյաշ, անգլիական բեղերով և աչքերն ինչ֊որ տարօրինակ էին՝ բաց կապույտ, թարթիչները նույնպես բաց գույնի էին, և երբ նայում էիր աչքերին, թվում էր, թե անվերջ շարժվում են։ ― Կարմինե՛ր, ― գոռաց նա նորից, ― վախկոտնե՛ր, ― և դարձյալ սկսեց իր հայհոյանքները։

Նա հիմա բոլորովին ազատ֊համարձակ կանգնել էր բաց տարածությունում և, ուշադիր նշան բռնելով ատրճանակից, կրակում էր բլրի գագաթին երևացող միակ թիրախին՝ Սորդոյի ձիու դիակին։ Գնդակն ընկավ ձիուց տասնհինգ յարդ ցած և հողի փշուրներ ժայթքեցրեց։ Կապիտանը նորից կրակեց։ Գնդակը կպավ ժայռին ու մի կողմ թռավ։

Կապիտանը կանգնել էր այդտեղ ու նայում էր բլրի գագաթին։ Լեյտենանտ Բեռենդոն նայում էր գագաթի մոտ ընկած մյուս լեյտենանտի դիակին։ Սնայպերը նայում էր առաջը՝ ոտների տակի հողին։ Հետո հայացքը բարձրացրեց և նայեց կապիտանին։

― Այնտեղ կենդանի մարդ չկա, ― ասաց կապիտանը։ ― Է՛յ, դո՛ւ, ― ասաց նա սնայպերին։ ― Գնա՛ ստուգիր։

Սնայպերը հայացքն իջեցրեց։ Ոչ մի պատասխան չտվեց։

― Չլսեցի՞ր, ― գոռաց կապիտանը։

― Ճիշտ այդպես, իմ կապիտան, ― ասաց սնայպերը առանց նայելու նրան։

― Ուրեմն վեր կաց ու գնա, ― ասաց կապիտանը՝ ատրճանակը դեռևս ձեռքին։ ― Լսեցի՞ր։

― Ճիշտ այդպես, իմ կապիտան։

― Հապա ինչո՞ւ չես գնում։

― Չեմ ուզում, իմ կապիտան։

― Չես ուզո՞ւմ։ ― Կապիտանն ատրճանակի փողը դեմ արեց սնայպերի կողին։ ― Դու չե՞ս ուզում։

― Վախենում եմ, իմ կապիտան, ― արժանապատվությամբ պատասխանեց զինվորը։

Լեյտենանտ Բեռենդոն, երբ տեսավ կապիտանի դեմքն ու նրա արտասովոր աչքերը, մտածեց, որ նա կգնդակահարի զինվորին։

― Կապիտան Մորա, ― ասաց նա։

― Լեյտենանտ Բեռենդո՞։

― Հնարավոր է, որ զինվորն իրավացի է։

― Այսինքն ինչպե՞ս, իրավացի է, որ ասում է, թե վախենո՞ւմ է։ Իրավացի է, որ ասում է, թե չի ուզո՞ւմ կատարել հրամանը։

― Ոչ։ Նա իրավացի է, որ սա ծուղակ է։

― Մեռած են, բոլորն էլ, ― ասաց կապիտանը։ ― Ասում եմ բոլորն էլ մեռած են, լսեցի՞ր։

― Դուք նկատի ունեք զառիթափի վրա ընկած մեր ընկերների՞ն, ― հարցրեց Բեռենդոն։ ― Այդ դեպքում ես համաձայն եմ ձեզ հետ։

― Պակո՛, ― ասաց կապիտանը։ ― Խելք հավաքիր։ Ի՞նչ է, կարծում ես, թե միայն դո՞ւ էիր սիրում Խուլիանին։ Ես քեզ ասում եմ, որ կարմիրները մեռած են։ Տե՛ս։

Նա ձեռքերը դրեց գլաքարին, ձգվեց ամբողջ մարմնով․ և հասակով մեկ կանգնած գրանիտի բարձունքին՝ թևերը թափ տալով սկսեց գոռալ․

― Դե կրակե՛ք, խփե՛ք, սպանե՛ք ինձ։

Բլրի գագաթին, պառկած սպանված ձիու ետևը՝ Սորդոն քմծիծաղում էր։

Այ թե մարդիկ են, մտածեց նա։ Ծիծաղեց, բայց և փորձեց զսպել ծիծաղը, որովհետև ցնցումից թևը ցավում էր։

― Կարմիրներ, ― լսվում էր ներքևից եկող բղավոցը։ ― Կարմիր սրիկաներ։ Կրակեք։ Սպանե՛ք ինձ։

Սորդոն, զսպված ծիծաղից ուսերը ցնցելով, ձիու գավակի և ժայռի կողքի բացվածքի միջով նայում էր գլաքարի վրա բարձրացած թևերը թափահարող կապիտանին։ Գլաքարի մի կողմում կանգնած էր լեյտենանտը, մյուսում՝ սնայպերը։ Առանց հայացքը կտրելու նրանցից, Սորդոն ուրախ ճոճում էր գլուխը։

― Կրակե՛ք վրաս, ― ցածրաձայն ասաց ինքն իրեն։ ― Սպանե՛ք ինձ։ ― Զսպված ծիծաղից ուսերն ուժեղ ցնցվեցին և թևի ցավը սաստկացավ, իսկ գլուխը թվում էր, թե պայթելու է։ Բայց ծիծաղը չէր կարողանում պահել։

Կապիտան Մորան իջավ գլաքարից։

― Հիմա հավատացի՞ր ինձ, Պակո, ― հարցրեց նա լեյտենանտ Բեռենդոյին։

― Ոչ, ― ասաց լեյտենանտ Բեռենդոն։

― Cojones, ― ասաց կապիտանը։ ― Այդ ինչ ապուշներ ու վախկոտներ են կողքիս։

Սնայպերը նոիրց ծվարել էր գլաքարի ետևը, լեյտենանտը պպզել էր նրա կողքին։

Գլաքարի կողքին կանգնած կապիտանը նորից սկսեց հայհոյանքներ տեղալ բլրի գագաթի կողմը։ Ոչ մի լեզու այնքան հայհոյանք չունի, ինչքան իսպաներենը։ Անգլերեն բոլոր հայհոյախոսությունների համարժեքները իսպաներենում կան, բացի այդ, կան նաև այնպիսի բառեր ու արտահայտություններ, որոնք օգտագործվում են միայն այն երկրներում, որտեղ աստվածանարգությունն ու խստակրոնությունը խաղաղ գոյակցում են։ Լեյտենանտ Բեռենդոն շատ բարեպաշտ կաթոլիկ էր։ Սնայպերը նույնպես։ Երկուսն էլ Նավառայից էին, երկուսն էլ կառլիստներ և, երբ բարկացած էին լինում, և՛ հայհոյում էին, և՛ աստվածանարգում, բայց դա մեղք էին համարում և կանոնավորապես գնում էին ու խոստովանում։

Հիմա, երբ ծվարած գլաքարի ետևը, նրանք նայում էին կապիտանին ու լսում նրա բղավոցը, երկուսն էլ ջանում էին իրենց հեռու պահել և՛ նրանից, և՛ նրա խոսքերից։ Նրանք չէին ցանկանում այդպիսի խոսքերով մեղքի տակ մտնել, այն էլ այնպիսի մի օր, որ կարող էր իրենց մահվան օրը լինել։ Նման խոսքերը դժբախտություն կարող են բերել, մտածեց սնայպերը։ Սուրբ կույսի մասին այդպիսի խոսքեր ասելը վատ նշան էր։ Սրա բերանը ավելի կեղտոտ է, քան կարմիրներինը։

Խուլիանն սպանվեց, մտածում էր լեյտենանտ Բեռենդոն, և այսպիսի օրով ահա պառկած է զառիթափի վրա։ Իսկ այս կեղտոտ բերանը կանգնել է այստեղ ու իր աստվածանարգություններով նոր ու նոր դժբախտություններ է ուզում բերել։

Կապիտանն այդ պահին դադարեցրեց իր բղավոցն ու շրջվեց Բեռենդոյի կողմը։ Նրա աչքերն ավելի քան երբևէ տարօրինակ էին։

― Պակո՛, ― ուրախ ասաց նա, ― հիմա դու և ես կգնանք վերև։

― Ես չեմ գնա։

― Ի՞նչ, ― կապիտանը նորից հանեց ատրճանակը։

Ատում եմ այս ատրճանակ թափահարողներին, մտածում էր Բեռենդոն։ Առանց ատրճանակ թափ տալու ոչ միայն հրաման չեն կարող արձակել։ Երևի երբ զուգարան են գնում, ատրճանակը փորներին դեմ են անում, որպեսզի դուրս գան։

― Եթե հրամայեք, կգնամ։ Բայց կբողոքեմ, ― ասաց լեյտենանտ Բեռենդոն կապիտանին։

― Որ այդպես է, ես մենակ կգնամ, ― ասաց կապիտանը։ ― Վախկոտության այս գարշահոտին այլևս հնարավոր չէ դիմանալ։

Աջ ձեռքում ատրճանակը բռնած՝ հաստատուն քայլերով նա սկսեց բարձրանալ բլրի լանջն ի վեր։ Բեռենդոն ու սնայպերը հայացքով հետևում էին նրան։ Պատսպարվելու ոչ մի փորձ չէր անում, նայում էր ուղիղ դիմացը՝ ժայռերին, սպանված ձիուն, բլրի գագաթի թարմ հողակույտերին։

Էլ Սորդոն պառկել էր ձիու ետևը և ժայռի կողքով նայում էր քայլ առ քայլ բարձրացող կապիտանին։

Միայն մի հոգի, մտածեց նա։ Միայն մի հոգի ենք փռելու։ Բայց դրա խոսելուց այնպես է երևում, որ caza mayor[108] է։ Տե՛ս, ոնց է քայլում։ Տե՛ս ինչ կենդանի է։ Տե՛ս ոնց է բարձրանում։ Սա ինձ համար է։ Սրան ես կվերցնեմ ինձ հետ ճանապարհորդելու։ Սա էլ իմ ուղևորությունից է կատարելու։ Արի՛, ընկեր ուղևոր։ Բարձրացի՛ր։ Արի ուղիղ այստեղ։ Արի՛, քեզ այնպե՜ս դիմավորենք։ Արի՛։ Քայլի՛ր։ Մի՛ դանդաղիր։ Արի ուղիղ այստեղ։ Արի ոնց որ գալիս ես։ Կանգ չառնես, չնայես նրանց։ Այդպես։ Ցած մի՛ նայիր։ Այդպես, աչքերդ ուղիղ առաջ, այդպես արի՛։ Տես է, բեղեր էլ ունի։ Սրան ի՞նչ կասես։ Ընկեր ուղևորը բեղեր էլ ունի։ Կապիտան է։ Դրա թևքի քուղերը տես։ Ասում էի, չէ՞, որ caza mayor է։ Ingles֊ի է նման։ Աչքերն էլ բաց կապույտ են։ Բաց կապույտ և տարօրինակ։ Բաց կապույտ ու հա խաղում են։ Մոտեցի՛ր։ Ավելի մոտեցի՛ր։ Այդպես, ընկեր ուղևոր։ Ա՛ռ քեզ, ընկեր ուղևոր։ Նա կամացուկ քաշեց գնդացրի ձգանը, երեք հետադարձ հարված զգաց ուսին, ինչպես լինում է առհասարակ եռոտանու վրա ամրացված ձեռքի գնդացիրներից կրակելիս։

Կապիտանը երեսնիվայր փռվեց բլրի լանջին։ Ձախ թևը մնացել էր տակը։ Աջը, ատրճանակը բռնած, ձգվել էր առաջ։ Բլրի ստորոտից սկսել էի կրակ տեղալ դեպի գագաթը։

Պպզած գլաքարի ետևը, լեյտենանտ Բեռենդոն մտածում էր, թե ինչպես է գնդակների տակով կտրել֊անցնելու բաց տարածությունը, մեկ էլ բլրի գագաթից լսեց Սորդոյի խուլ ու խռպոտ ձայնը։

― Bandidos, ― լսվում էր վերևից։ ― Bandidos: Խփե՛ք ինձ։ Սպանե՛ք ինձ։

Բլրի գագաթին, պառկած գնդացրի ետևը, Սորդոն այնպես էր ծիծաղում, որ կուրծքը ցավում էր, թվում էր ուր որ է գլուխը ցավից կպայթի։

― Bandidos, ― ուրախ գոռաց նա նորից։ ― Սպանե՛ք ինձ, bandidos: Հետո ուրախ թափ տվեց գլուխը։ Մեզ հետ ուղևորության մեկնողների մի լավ խումբ հավաքեցինք արդեն, մտածեց նա։

Նա հիմա փորձելու էր գնդացրի կրակով մյուս սպային էլ վերջ տալ, հենց որ նա դուրս գար գլաքարի ետևից։ Վաղ թե ուշ դուրս էր գալու։ Սորդոն գիտեր, որ նա այդտեղից հրամաններ արձակել չի կարող, այնպես որ նրա վերջն էլ տալու լավ հնարավորություն կա։

Այդ պահին գագաթում գտնվողները լսեցին ինքնաթիռների աղմուկը։

Էլ Սորդոն չէր լսել։ Նա գնդացիրն ուղղել էր գլաքարի հեռավոր ծայրին ու մտածում էր․ հենց որ տեսնեմ վազում է, պետք է կրակեմ, եթե ուշադիր չլինեմ, կվրիպեմ։ Կարելի է կրակել թիկունքին, երբ վազելիս լինի։ Կարելի է կրակել կողքերը, առաջը։ Կամ էլ թողնել, որ մի քիչ վազի ու կրակել առաջը։ Պիտի փորձեմ կրակի տակ առնել հենց որ քարի ետևից դուրս գա ու պոկվի։ Այդ պահին զգաց, որ մեկը ձեռքով խփեց ուսին, շրջվեց ու տեսավ Խոակինի սարսափից սմքած դեմքը, նա նայեց վերև, ուր որ ցույց էր տալիս տղան, և տեսավ դեպի իրենց կողմը թռչող երեք ինքնաթիռներ։

Հենց այդ ժամանակ լեյտենանտ Բեռենդոն պոկվեց գլաքարի մոտից և գլուխն առաջ հակած արագ վազքով զառիթափով իջավ ցած, ժայռերի ետևը զետեղված գնդացրի մոտ։

Սորդոն նայում էր ինքնաթիռներին և չտեսավ, թե ինչպես հեռացավ լեյտենանտը։

― Օգնիր սա դուրս քաշեմ այստեղից, ― ասաց նա Խոակինին, և տղան ժայռի ու ձիու արանքում սեղմված գնդացիրը դուրս բերեց։ Ինքնաթիռներն անգայթ մոտենում էին։ Գալիս էին իրար ետևից, յուրաքանչյուր վայրկյանի հետ ավելի ու ավելի մեծանում, իսկ աղմուկը սաստկանում էր։

― Պառկե՛ք մեջքներիդ և կրակե՛ք վրաները, ― ասաց Սորդոն։ ― Կրակե՛ք առաջները։

Նա հայացքը չէր կտրում ինքնաթիռներից։

― Cabrones! Hijoa de puta! ― ասաց արագ֊արագ։ ― Իգնասիո, ― ասաց նա։ ― Գնդացիրը հենիր տղայի ուսին։ Դու, ― դարձավ Խոակինին, ― նստիր ու մի շարժվիր։ Կռացիր։ Էլի, չէ, ավելի։

Նա պառկեց մեջքին և նշան բռնեց անգայթ մոտեցող ինքնաթիռներին։

― Իգնասիո, գնդացրի ոտները պահիր։ Գնդացրի ոտները Խոակինի ուսերից կախ էին ընկել, և փողը ցնցվում էր, որովհետև տղան դողում էր ինքնաթիռների ուժեղացող աղմուկը լսելով։

Փորի վրա պառկած և ինքնաթիռների ընթացքին հետևելու համար գլուխը բարձրացնելով Իգնասիոն երկու ձեռքերի մեջ հավաքեց գնդացրի ոտները։ Զենքն արդեն չէր ցնցվում։

― Գլուխդ իջեցրու, ― ասաց նա Խոակինին։ ― Առաջ թեքիր։

Պասիոնարիան ասել է՝ ավելի լավ է մեռնել կանգնած․․․ ― մտովի ասում էր Խոակինը, երբ ինքնաթիռների աղմուկը ընդհուպ մոտեցավ ու սաստկացավ։ Եվ նա միանգամից սկսեց աղոթքի խոսքեր արտասանել։ ― Ո՛վ Մարիամ, երանելի կույս, որ աստծու կողքին ես, օրհնյալ ես դու ի կանայս, օրթնյալ է քո որովայնի պտուղը, մեր տեր Հիսուս Քրիստոսը։ Սուրբ Մարիամ, ո՛վ Աստվածամայր, բարեխոսիր վասն մեր՝ մեղավորներիս, այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։ Սուրբ Մարիամ, ո՛վ Աստվածամայր, ― վերսկսեց նա, բայց ինքնաթիռների անտանելի դարձած աղմուկի տակ մոռանալով բառերը, ու նորից, արագ֊արագ շարունակեց ապաշխարհական աղոթքի խոսքեր արտասանել։ ― Տեր իմ, ի սրտե զղջում եմ, որ զայրացրել եմ քեզ իմ տգիտության պատճառով․․․

Այդ պահին ականջների մեջ թնդաց պայթյունների որոտը և ուսի վրա զգաց զենքի այրող տաքությունը։ Հետո որոտը վերսկսվեց, գնդացրի կրակոցներից խլացել էր արդեն։ Իգնասիոն գնդացրի փողը ցած էր քաշում, Խոակինն զգում էր, որ մեջքն այրվում է։ Որոտ էր, թնդյուն ու աղմուկ, նա չէր կարողանում հիշել ապաշխարհական աղոթքի խոսքերը։

Հիշում էր միայն մի բան՝ մեր մահվան ժամին։ Ամեն։ Մեր մահվան ժամին։ Ամեն։ Ժամին։ Ամեն։ Մյուս բոլոր պարտիզանները կրակում էին։ Այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։

Հետո, գնդացրի որոտի միջից, լսվեց մի սուլոց, որ ճեղքեց օդը, մի ոռնոց, և ամեն ինչ դարձավ կարմիր, սև, երկիրը սասանվեց ծնկների տակ, ապա ժայթքող հողն ու քարերը տարափով սկսեցին թափվել գլխներին, Իգնասիոն ընկել էր իր վրա, գնդացիրը նույնպես։ Բայց նա մահացած չէր, որովհետև նորից լսվեց սուլոցը, և երկիրը դարձյալ սասանվեց ոռնոցից և բարձունքի մի հատվածն օդ բարձրացավ ու դանդաղ թափվեց իրենց վրա։

Ինքնաթիռները երեք անգամ ռմբակոծեցին բլուրը, սակայն գագաթում գտնվողներից ոչ մեկն այդ բանը չիմացավ։ Հետո ինքնաթիռները խոյընթաց սլացան դեպի բլրի գագաթը, գնդացրային կրակ բացեցին և եռանկյունի կազմած ուղղություն վերցրին դեպի Սեգովիա։

Լեյտենանտ Բեռենդոն բլրի գագաթը անընդհատ կրակի տակ առավ, հետո մի քանի զինվորի հետ շարժվեց դեպի ռմբակոծությունից գոյացած փոսերից մեկը, որտեղից հնարավոր էր նռնակներ նետել բլրի գագաթը։ Նա չէր ուզում ռիսկի դիմել, ո՞վ իմանա, գուցե մեկնումեկը կենդանի է մնացել քիչ առաջ այդտեղ տեղի ունեցած ճաշկերույթի ժամանակ և հիմա սպասում էր իրենց, ու նա անձամբ չորս նռնակ նետեց ձիու դիակի, ջարդոտված քարերի, պայթուցիկի հոտով բռնված ժայթքած հողի խառնակույտի վրա և նոր միայն սկսեց բարձրանալ դեպի գագաթը։

Բլրի գագաթին ոչ մեկը կենդանի չէր մնացել, բացի Խոակինից։ Գիտակցությունը կորցրած նա ընկել էր դիակնացած Իգնասիոյի տակ։ Քթից ու ականջներից արյուն էր հոսում։ Այն պահից, երբ շուրջը որոտով, թնդյունով ու աղմուկով բռնվեց և հենց կողքին ընկած ռումբից շունչը կտրվեց, նա ոչ մի բան չէր զգում։ Լեյտենանտ Բեռենդոն խաչ հանեց և արագ ու քնքշորեն , եթե այդպիսի կտրուկ շարժումը կարող է քնքուշ լինել, կրակեց երեսի վրա պառկած տղայի գլխին, այնպես, ինչպես Սորդոն էր կրակել վիրավոր ձիու ճակատին։

Լեյտենանտ Բեռենդոն կանգնել էր բլրի գագաթին ու նայում էր զառիթափի վրա ընկած իրենց մեռելներին, հետո հայացքն ուղղեց դեպի հովիտը, որտեղից հալածական Սորդոյի հետքերով քառատրոփ եկել էին այստեղ։ Նա իր հիշողության մեջ թարմացրեց մարտի բոլոր մանրամասնությունները, հետո հրամայեց սպանվածների ձիերը բերել վերև և դիակները լայնակի կապել թամբերի վրա, որպեսզի փոխադրեն Լա Գրանխա։

― Դրան էլ վերցրեց, ― ասաց նա։ ― Գնդացրի ետևը նստածին։ Երևի դա է Սորդոն։ Դա ամենից տարիքովն է, և դա է գնդացրի ետևը նստել։ Չէ։ Գլուխը կտրեք և թիկնոցով փաթաթեք։ ― Մի րոպե մտածեց։ ― Կարելի է բոլորի գլուխներն էլ տանել։ Մյուսներինն էլ, որոնց ներքևում սպանեցինք։ Հրացաններն ու ատրճանակները հավաքեցեք, գնդացիրը գցեք ձիու թամբին։

Հետո նա քայլեց ցած, մոտեցավ առաջին գրոհի ժամանակ սպանված լեյտենանտին։ Նայեց նրան, բայց չդիպավ։

― Que cosa mas mala es la guerra, ― ասաց ինքն իրեն, որ նշանակում էր՝ ինչ վատ բան է պատերազմը։

Հետո նորից խաչ հանեց ու քայլեց ցած՝ ճանապարհին հինգ անգամ «Հայր մեր» և հինգ անգամ էլ «Ցնծա, կույս Մարիամ» աղոթքներն արտասանելով իր մեռած ընկերոջ հոգու, հանգստության համար։ Նա չէր ուզում իր հրամանների կատարմանը ներկա լինել։

Գլուխ քսանութերորդ

Ինքնաթիռների հեռանալուց հետո Ռոբերտ Ջորդանն ու Պրիմիտիվոն վերստին հրաձգություն լսեցին, Ռոբերտ Ջորդանին թվաց, թե իր սիրտն էլ նորից սկսեց բաբախել։ Լեռնապարի հեռավոր բարձունքի վրայով լողում էր ծխի մի ամպ, իսկ հեռացող ինքնաթիռները կարծես երեք անգայթ կետեր լինեին երկնքում։

Երևի հենց իրենց հեծելազորն էլ գրողի ծոցն են ուղարկել, մտածեց Ռոբերտ Ջորդանը, իսկ Սորդոն ու ընկերները մնացել են անվնաս։ Այդ անիծյալ ինքնաթիռներն այնքան չեն սպանում, ինչքան մահվան սարսափով են համակում։

― Մարտը շարունակվում է, ― ասաց Պրիմիտիվոն՝ լսելով ուժեղ հրաձգությունը։ Ռմբակոծության ընթացքում յուրաքանչյուր պայթյունի հետ նա ցնցվում էր, հիմա արդեն չորացած շրթներն էր լիզում։

― Այո, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինքնաթիռներից ոչ ոք չի սպանվում։

Հրաձգությունը վերջնականապես դադարեց, և ոչ մի կրակոց այլևս չլսվեց։ Լեյտենանտ Բեռենդոյի ատրճանակի կրակոցի ձայնը չհասավ նրանց։

Սկզբում, երբ հրաձգությունը դադարեց, նա հանգիստ էր։ Հետո, երբ լռությունը ձգվեց, ինչ֊որ ցավագին զգացողություն սկսեց սեղմել կուրծքը։ Մեկ էլ հանկարծ նռնակների պայթյուններ լսեց, և սիրտը մի պահ վերստին հուսավառվեց։ Հետո դարձյալ լռություն տիրեց, և նա հասկացավ, որ ամեն ինչ վերջացել է։

Թիթեղյա մի դույլ ձեռքին Մարին եկավ ճամբարից, նա բերել էր սնկի սոուսով եփված նապաստակի միսը, մի տոպրակ հաց, կաշեշշով գինի, թիթեղյա չորս ափսե, երկու բաժակ և չորս գդալ։ Նա կանգնեց գնդացրի կողքին, վերցրեց երկու ափսե, ճաշ լցրեց, մեկը տվեց Ագուստինին, մյուսը՝ Էլադիոյին, որն Անսելմոյին էր փոխարինելու, հանեց հաց տվեց, հետո գինի լցրեց բաժակները։

Ռոբերտ Ջորդանը նայում էր արևի ճառագայթների տակ փայլփլացող նրա խուզած մազերին, նայում էր, թե ինչ թեթևությամբ նա ժայռից ժայռ է թռչում ու գալիս դեպի իր դիտակետը՝ տոպրակը ուսից կախած, մի ձեռքով էլ դույլը պահած։ Նա գնաց աղջկան ընդառաջ, դույլը վերցրեց ձեռքից և օգնեց, որ անցնի վերջին գլաքարի վրայով։

― Ինքնաթիռներն ի՞նչ էին անում, ― վախեցած հարցրեց աղջիկը։

― Սորդոյին էին ռմբակոծում։

Ռոբերտ Ջորդանը բացեց դույլի բերանը և շոգեխաշած միս ու սնկի սոուս լցրեց ափսեի մեջ։

― Կռվո՞ւմ են տակավին։

― Ոչ։ Վերջացավ։

― Ա՜խ, ― ասաց աղջիկն ու կծեց շրթունքը, հետո սկսեց նայել հեռավոր բլուրներին։

― Ախորժակ չունեմ, ― ասաց Պրիմիտիվոն։

― Այնուամենայնիվ կեր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Կուլ չի գնա։

― Առ, մի քիչ խմիր, ծերուկ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն ու կաշեշիշը մեկնեց նրան։ ― Խմի՛ր, հետո կուտես։

― Ոչ մի ցանկություն չմնաց Սորդոյից հետո, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Դու կե։ Ես չեմ ուզում։

Մարիան մոտեցավ նրան, ձեռքերը գցեց վզով ու համբուրեց։

― Կե՛ր, սիրելիս, ― ասաց աղջիկը։ ― Ուժից պետք չէ ընկնել։

Պրիմիտիվոն շրջվեց նրանից։ Վերցրեց կաշեշիշը և գլուխը ետ գցած մի քանի կում կուլ տվեց։ Հետո ափսեն լցրեց և սկսեց ուտել։

Ռոբերտ Ջորդանը նայեց Մարիային ու գլուխը թափ տվեց։ Աղջիկը նստել էր իր կողքին և թևը գցել էր ուսին։ Նստել էին նրանք, և երկուսն էլ գիտեին, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ է զգում։ Ռոբերտ Ջորդանն ուտում էր շոգեխաշած միսը, ուտում էր հանգիստ, ջանալով մինչև վերջ վայելել սնկի սոուսը, մերթընդմերթ գինու մի քանի կում էր անում և շարունակում էր լուռ ճաշել։

― Դու կարող ես այստեղ մնալ, guapa, եթե ուզում ես, ― ասաց նա, երբ ճաշել֊վերջացրել էր։

― Ոչ, ― ասաց աղջիկը։ ― Պետք է վերադառնամ Պիլարի մոտ։

― Կարող ես մնալ։ Չեմ կարծում, որ հիմա արդեն որևէ բան պատահի։

― Ոչ։ Պետք է վերադառնամ։ Պիլարն ինձ խրատներ է տալիս։

― Ի՞նչ է տալիս։

― Խրատներ։ ― Աղջիկը ժպտաց ու համբուրեց Ռոբերտ Ջորդանին։ ― Կրոնական խրատների մասին լսե՞լ ես։ ― Շիկնեց։ ― Նման մի բան է։ ― Դարձյալ շիկնեց։ ― Բայց՝ տարբեր։

― Դե լավ, գնա լսիր Պիլարի խրատները, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և շոյեց նրա գլուխը։ Աղջիկը նորից ժպտաց, հետո դարձավ Պրիմիտիվոյին։ ― Քեզ որևէ բան պե՞տք է։

― Չէ, աղջիկս, ― ասաց նա։ Նրանք երկուսն էլ նկատեցին, որ Պրիմիտիվոն դեռևս չէր վերագտել իրեն։

― Salud, ծերուկ, ― ասաց աղջիկը։

― Լսի՛ր, ― ասաց Պրիմիտիվոն։ ― Ես մեռնելուց չեմ վախենում, բայց որ մենք նրանց այդ ձևով մենակ թողեցինք․․․ ― Նրա ձայնը խզվեց։

― Ուրիշ ելք չկար, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Գիտեմ։ Բայց միևնույն է։

― Ուրիշ ելք չկար, ― կրկնեց Ռոբերտ Ջորդանը։ ― Եվ ավելի լավ կլինի, որ այլևս այդ մասին չխոսենք։

― Այո։ Բայց նրանք այնտեղ մենակ, առանց մեր օգնության․․․

― Ավելի լավ է չխոսենք այդ մասին, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկ դու, guapa, գնա խրատները յուրացնելու։

Նա նայում էր ժայռերի վրայով իջնող աղջկան։ Հետո, նստած այդտեղ, երկար ժամանակ հայացքն ուղղել էր դեպի լեռներն ու մտածում էր։

Պրիմիտիվոն խոսում էր իր հետ, բայն նա նրան չէր պատասխանում։ Արևն արդեն այրում էր, բայց նա չէր զգում տաքությունը, նստել ու նայում էր սարալանջերին, մինչև սարալանջերի կատարները ձգվող սոճուտներին։ Անցել էր մեկ ժամ, արևն արդեն ահագին ձախ էր թեքվել, երբ նկատեց, որ սարի կատարից իջնում են նրանք։ Վերցրեց հեռադիտակը։

Երբ առաջին երկու հեծյալներն սկսեցին իջնել կանաչ սարալանջով, ձիերն հազիվ էին երևում։ Հետո ևս չորս հեծյալ հայտնվեցին, այնուհետև նա հեռադիտակի մեջ պարզ տեսավ երկշար հեծելախմբի և՛ զինվորներին, և՛ ձիերին։ Տեսավ ու զգաց, որ քրտինքը թևատակերից սկսեց վազել։ Մեկը գնում էր շարասյան առջևից։ Նրա ետևից գնում էին թամբերի վրա բեռներ կապված ձիեր, հետո դարձյալ երկու հեծյալ, վիրավորներ տանող ձիեր, որոնց սանձերից բռնած կողքով քայլում էին զինվորները։ Վերջում դարձյալ հեծյալ մի խումբ երևաց։

Ռոբերտ Ջորդանը նայում էր նրանց, որ իջնում էին սարալանջով և մեկ առ մեկ մտնում անտառ ու ծածկվում հայացքից։ Այդ տարածության վրա նա չէր կարող իմանալ, թե ձիերից մեկի թամբի թիկնոցի մեջ փաթաթված ու ոլոռի պատիճներով լցված պարկի նման կորացած և երկու ծայրերը ասպանդակներին կապած բեռն ինչ էր։ Բեռան կողքին, թամբի վրա, հպարտ բազմել էր Սորդոյի գնդացիրը, որն իր գործն արել֊վերջացրել էր։

Շարասյան առջևից ընթացող լեյտենանտ Բեռենդոն, որն առաջից դիտակալներ էր ուղարկել, ոչ մի հպարտություն չէր զգում, նրան համակել էր մարտերին հաջորդող դատարկության զգացումը։ Նա մտածում էր, որ բարբարոսություն է մարդկանց գլուխները կտրել և տանելը, բայց մտածում էր նաև, որ դրանք իրեղեն ապացույցներ են, բացի այդ, դրանցով նաև կարելի է որոշել, սպանվածների ինքնությունը։ Սրանք կարող են ինձ դեռևս տհաճություններ պատճառել։ Բայց ի՞նչ իմանաս, նման բաները մերոնցից շատերին դուր կգան։ Հնարավոր է նույնիսկ, որ այս գլուխները Բուրգոս ուղարկեն։ Բայց ինչ ուզում ես ասա, բարբարոսություն է։ Իսկ ինքնաթիռները muchos էին։ Ուժեղ էին։ Բայց մի հատ «Ստոկս» ականանետը բավական էր, ոչ էլ այսքան զոհ կունենայինք։ Հարկավոր էր ընդամենը երկու ջորի արկերի համար, մեկն էլ ականանետի։ Ա՛յ, այդ ժամանակ իսկական բանակ կլինեինք։ Մի ականանետն ու դրան գումարած մեր այս բոլոր ավտոմատները։ Ու ևս մի ջորի։ Չէ, երկու ջորի, որպեսզի զինամթերքը տեղափոխեին։ Վերջ տուր, ասաց ինքն իրեն։ Դա արդեն հեծելազոր չեղավ։ Վերջ տուր։ Դա արդեն բանակ եղավ։ Շուտով կսկսես լեռնային հրետանու մասին մտածել։

Հետո նա սկսեց խորհել բլրի լանջին սպանված Խուլիանի մասին, որի դիակն հիմա, կապկպված ձիու գավակին, գնում էր առաջապահ հեծելախմբի հետ, և, երբ արևաշող սարալանջից իջան ու մտան մութ սոճուտը, անտառի խավարում նա նորից սկսեց աղոթել ընկերոջ հոգու փրկության համար։

― Ո՜վ սուրբ տիրուհի, մայր գթության, ― սկսեց նա, ― աղբյուր կենաց մերոնց և բերկրանաց և հուսո։ Լո՛ւր ողբոց մերոց և պաղատանաց, որք հեծեմք ի մեջ հովտին արտասվաց․․․

Նա աղոթում էր, մինչ ձիերն անաղմուկ անցնում էին սոճու ասեղնատերևով ծածկված անտառով, իսկ ծառերի բների արանքներից թափանցող լույսը եկեղեցու սյունաշարերի պատրանքն էր ստեղծում։ Նա աղոթում էր ու միաժամանակ հետևում առջևից գնացող դիտակալներին։

Անտառից դուրս եկան Լա Գրանխա տանող դեղին ճանապարհը, և ձիերի սմբակների տակից բարձրացող փոշին կախվեց նրանց վրա։ Փոշին նստեց ձիերի թամբերին լայնակիորեն և երեսնիվայր կապկպած դիակների, վիրավորների ու նրանց կողքով քայլող զինվորների վրա։ Ամեն ինչ ծածկվեց փոշու հաստ խավով։

Այդտեղ էր, այդ կանգնած փոշու մեջ, որ Անսելմոն տեսավ նրանց։ Նա հաշվեց դիակները, վիրավորներին, հետո ճանաչեց Սորդոյի գնդացիրը։ Այդ ժամանակ նա գլխի չընկավ, թե ինչ է երկու ծայրերով ասպանդակներին կապված փաթեթի միջինը, բայց երբ մթանը վերադարձի ճանապարհին եղավ այն բարձունքում, որտեղ Սորդոն մարտի էր բռնվել, հասկացավ, թե ինչ էր պարունակում թիկնոցով փաթաթված երկարավուն բեռը։ Մթության մեջ նա չկարողացավ որոշել, թե ովքեր են եղել Սորդոյի հետ, ուստի և միայն ընկած դիակներն հաշվեց ու գնաց դեպի Պաբլոյի ճամբարը։

Նա միայնակ քայլում էր մթության մեջ և զգում էր, թե ինչպես ռուբերի գոյացրած փոսերը, դիակներն ու բլրի վրա աչքերի առջև բացված տեսարանը սարսուռով են պատել ամբողջ էությունը, և ջանում էր հեռու վանել վաղվա գործի հետ կապված մտքերը։ Նա շտապում էր շուտ հասնել ճամբար ու հաղորդել լուրը։ Քայլում էր ու աղոթում Սորդոյի և նրա ամբողջ խմբի մարդկանց հոգիների փրկության համար։ Պատերազմն սկսվելուց հետո առաջին անգամ նա աղոթում էր։

― Ո՜վ սուրբ կույս, դշխուհի ամենագութ, ― աղոթում էր նա։

Բայց և այնպես նա չկարողացավ վաղվա գործի հետ կապված մտքերից ազատվել։ Եվ մտածում էր, որ կանի այնպես, որ ես միշտ նրա կողքին լինեմ, ու նրա կարգադրությունները լինեն ճշգրիտ, որովհետև ես կարող եմ կորցնել գլուխս, երբ ինքնաթիռներն սկսեն ռմբակոծել։ Օգնի՜ր ինձ, տե՛ր, որ ես կարողանամ ինձ այնպես պահել, ինչպես պարտավոր է մարդն իր վերջին ժամերին։ Օգնի՛ր ինձ, ո՛վ տեր, որ ես կարողանամ տիրապետել իմ ոտքերին և փախուստի չդիմեմ, երբ վրա հասնի դժոխային պահը։ Օգնի՛ր ինձ, տե՛ր, որպեսզի ես կարողանամ տղամարդու նման ինձ պահել վաղվա մարտում։ Խնդրում եմ, տե՛ր, քո օգնությունը, շնորհի՛ր ինձ, մի՛ զլանար, որովհետև ինձ համար շատ է ծանր, և խոստանում եմ այլևս ոչինչ չխնդրել։

Միայնակ քայլում էր խավարում և զգում, թե ինչպես է հոգին թեթևանում աղոթքից, հիմա արդեն վստահ էր, որ վաղն իրեն տղամարդավարի կպահի։ Իջնում էր սարահարթից ու աղոթում Սորդոյի խմբի մարդկանց հոգիների փրկության համար։ Հասել էր պահակակետին։ Ֆերնանդոն ձայն տվեց։

― Ես եմ, ― պատասխանեց Անսելմոն։

― Լավ, ― ասաց Ֆերնանդոն։

― Իմացա՞ր Սորդոյի մասին, ծերուկ, ― հարցրեց Անսելմոն Ֆերնանդոյին, երբ երկուսով կանգնել էին խավարում ժայռերի բացվածքի մեջ։

― Ինչո՞ւ չէ, ― ասաց Ֆերնանդոն։ ― Պաբլոն պատմեց։

― Եղե՞լ է վերևում։

― Ինչո՞ւ չէ, ― առանց որևէ խանդավառության ասաց նա։ ― Հեծելազորի հեռանալուց անմիջապես հետո նա գնացել էր այնտեղ։

― Նա պատմե՞ց ձեզ․․․

― Նա մեզ ամեն ինչ պատմեց, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ինչպիսի բարբարոսներ են այդ ֆաշիստները։ Մենք պետք է Իսպանիայում այդ բարբարոսների վերջը տանք։ ― Նա կանգ առավ, հետո դառնացած ասաց․ ― Արժանապատվություն հասկացողությունը բոլորովին գոյություն չունի նրանց համար։

Մթության մեջ Անսելմոն քմծիծաղեց։ Մի ժամ առաջ նա մտքով իսկ չէր կարող անցկացնել, որ երբևիցե ընդունակ կլինի ժպտալու։ Ա՛յ քեզ Ֆերնանդո, ա՛յ քեզ տարօրինակ մարդ։

― Այո, ― ասաց նա Ֆերնանդոյին։ ― Մենք պետք է նրանց դաստիարակենք։ Մենք պետք է խլենք նրանց ինքնաթիռները, տանկերը, հրանոթները և արժանապատվություն սովորեցնենք։

― Ճիշտ այդպես, ― ասաց Ֆերնանդոն։ ― Ես ուրախ եմ, որ դու համաձայն ես ինձ հետ։

Անսելմոն թողեց մենակ նրան իր արժանապատվության հետ ու գնաց դեպի քարայր։

Գլուխ քսանիններորդ

Անսելմոն Ռոբերտ Ջորդանին գտավ քարայրում, նա նստած էր տախտակե սեղանի առաջ, Պաբլոյի դիմաց, յուրաքանչյուրի առջև մի բաժակ կար, սեղանի կենտրոնում՝ գինով լի մի թաս։ Ռոբերտ Ջորդանը հանել էր նոթատետրը, մատիտը պահել ձեռքին։ Պիլարն ու Մարիան քարայրի խորքում էին, և Անսելմոն նրանց չտեսավ։ Նրան տարօրինակ թվաց Պիլարի այդտեղ՝ սեղանի մոտ չլինելը, որովհետև չգիտեր, որ կինը դիտմամբ էր մի կողմ տարել աղջկան, որպեսզի նա չլսի խոսակցությունը։

Անսելմոն նոր էր մուտքի տապճակը մի կողմ քաշել ու մտել քարայր, որ Ռոբերտ Ջորդանը գլուխը բարձրացրեց։ Պաբլոն նայում էր սեղանին։ Նա աչքերը սևեռել էր գինու թասին, բայց թասը չէր տեսնում։

― Վերևից եմ գալիս, ― ասաց Անսելմոն Ռոբերտ Ջորդանին։

― Պաբլոն պատմել է մեզ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Վեց դիակ կար բարձունքում, վեցն էլ գլխատված, ― ասաց Անսելմոն։ ― Մութ էր արդեն, որ գնացի։

Ռոբերտ Ջորդանը գլխով արեց։ Պաբլոն նստել էր ու նայում էր գինու թասին, չէր խոսում։ Դեմքի վրա ոչ մի արտահայտություն չկար, իսկ նրա փոքրիկ, խոզի աչքերն այնպես էին սևեռվել գինու թասին, կարծես առաջին անգամ էին տեսնում։

― Նստի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը Անսելմոյին։

Ծերունին նստեց կաշեպատ մի աթոռի վրա, իսկ Ռոբերտ Ջորդանը կռացավ, սեղանի տակից հանեց Սորդոյի նվիրած վիսկիի շիշը։ Մոտավորապես մինչև կեսը լեցուն էր։ Ռոբերտ Ջորդանը ձգվեց, սեղանի ծայրից վերցրեց մի բաժակ, վիսկի լցրեց ու հրեց Անսելմոյի կողմը։

― Խմի՛ր, ծերուկ, ― ասաց։

Պաբլոն մի պահ հայացքը կտրեց գինու թասից, նայեց Անսելմոյին և աչքերը վերստին սևեռեց թասին։

Անսելմոն կուլ տվեց վիսկին և ռունգերում, աչքերի մեջ ու բերանում այրոց զգաց, հետո երանավետ, հաճելի մի ջերմություն, որ պարուրեց ստամոքսը։ Նա ձեռքի երեսով սրբեց բերանը, նայեց Ռոբերտ Ջորդանին ու ասաց․

― Կարելի՞ է մեկն էլ։

― Ինչո՞ւ չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և նորից լցրեց, բայց այս անգամ բաժակը ոչ թե հրեց, այլ մեկնեց նրան։

Այս անգամ կուլ տալիս Անսելմոն այրոց չզգաց, բայց հաճելի ջերմությունը կրկնապատկվեց։ Վիսկին նոր ավյուն տվեց նրան, ինչպես արյունաքամ մարդուն ֆիզիոլոգիական լուծույթի ներարկումը։

Ծերունին հայացքը վերստին ուղղեց շշին։

― Մնացածը թողնում ենք վաղվան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հիմա պատմիր ճանապարհի անցուդարձից։

― Մեքենաներ շատ անցան, ― ասաց Անսելմոն։ ― Բոլորը նշել եմ՝ ոնց որ ասել էիր։ Մի կնոջ հետ էլ պայմանավորվել եմ, նա հիմա նշումներ է անում։ Քիչ հետո կգնամ կիմանամ։

― Հակատանկային հրանոթներ կայի՞ն։ Դրանք ռետինե անիվներ ունեն, փողն էլ ավելի երկար է։

― Այո, ― ասաց Անսելմոն։ ― Չորս բեռնատար անցան։ Չորսի վրա էլ այդպիսի հրանոթներ կային, փողերը ծածկել էին սոճու ճյուղերով։ Ամեն հրանոթի հետ մեքենայի վրա վեց զինվոր կար։

― Ասացիր չո՞րս հրանոթ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Չորս, ― ասաց Անսելմոն։ Նա չէր նայում իր նշումներին։

― Պատմիր տեսնեմ ուրիշ ինչե՞ր են անցել ճանապարհով։

Նա պատմում էր, իսկ Ռոբերտ Ջորդանը՝ նշում։ Պատմեց սկզբից մինչև վերջ, հերթականությամբ, ամեն ինչ, զարմանալի մի հիշողությամբ, որը բնորոշ է գրել֊կարդալ չիմացող մարդկանց։

Այդ միջոցին Պաբլոն երկու անգամ բաժակը գինի լցրեց։

― Տեսա նաև հեծելազորը, որ Սորդոյի հետ մարտից հետո Լա Գրանխա էր վերադառնում սարերից։

Հետո նա ասաց, թե քանի վիրավոր էր տեսել և քանի սպանված էին տանում թամբերին գցած։

― Թամբերից մեկի վրա մի կապոց կար, այն ժամանակ չհասկացա, թե ինչ է, ― ասաց նա։ ― Հիմա արդեն գիտեմ, որ գլուխներն էին։ Հեծելազորային վաշտ էր, ― շարունակեց նա առանց կանգ առնելու։ ― Մի սպա էր միայն մնացել։ Այն մեկը չէր, որ առավոտյան եկել էր այստեղ, երբ դու նստել էիր գնդացրի ետևը։ Սպանվածներից երկուսը սպա էին, տարբերանշանները տեսա։ Երևի մեկը առավոտվանն էր։ Սպանվածներին երեսնիվայր գցել էին թամբերի վրա, թևերը կախվել էին։ Սորդոյի maquina֊ն էլ էր թամբի վրա, գլուխների հետ։ Փողը ծռված էր։ Այսքան։ ―վերջացրեց։

― Այդքանն էլ բավական է, ― ասաց Ռոբերտ Ջորդանն ու բաժակը սուզեց գինու թասի մեջ։ ― Քեզանից բացի ո՞վ է եղել ռազմաճակատի գծի այն կողմը, Հանրապետությունում։

― Անդրեսը և Էլադիոն։

― Այդ երկուսից ո՞րն է ավելի լավ։

― Անդրեսը։

― Ինչքա՞ն ժամանակից նա կարող է հասնել Նավասեռադա։

― Առանց բեռի և զգույշ գնալու դեպքում՝ երեք ժամից։ Մենք ավելի երկար, բայց ապահով ճամփով եկանք, որովհետև պայթուցիկ էինք բերում։

― Իսկ հաստա՞տ կհասնի։

― No se, հաստատ ոչինչ չես կարող ասել։

― Իսկ եթե դու գնա՞ս։

― Ոչ էլ ես։

Ուրեմն ծերուկը կմնա այստեղ, որոշվեց, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Եթե ասեր, որ ինքը հաստատ կհասնի, հաստատ իրեն էլ կուղարկեի։

― Անդրեսը կարո՞ղ է քեզ պես անցնել ճանապարհը։

― Կարող է, նույնիսկ ավելի լավ։ Նա ավելի երիտասարդ է։

― Բայց այս անգամ նա պետք է անպայման տեղ հասնի։

― Եթե ոչ մի բան չպատահի, կհասնի։ Իսկ եթե պատահի․․․ Բոլորին էլ կարող է պատահել։

― Զեկուցագիր եմ ուղարկելու, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես կբացատրեմ, թե որտեղ կարող է գտնել գեներալին։ Նա պետք է գնա դիվիզիայի Estado Mayor:[109]

― Դիվիզիա և այլն նա չի հասկանա, ― ասաց Անսելմոն։ ― Ես էլ եմ միշտ շփոթում։ Նրան պետք է գեներալի անունն ասես ու տեղը։

― Գեներալը դիվիզիայի Estado Mayor֊ում կլինի։

― Բայց դա որոշակի՞ տեղ է։

― Իհարկե որոշակի տեղ է, ծերուկ, ― համբերատարությամբ բացատրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց ամեն անգամ, մինչև մարտն սկսելը, գեներալը նոր տեղ է ընտրում։ Այդ նոր տեղում էլ հաստատվում է շտաբը։

― Ուրեմն հիմա դա որտե՞ղ է։

Անսելմոն հոգնած էր, իսկ հոգնածությունը բթացրել էր նրան։ Բացի այդ, բրիգադ, դիվիզիա, բանակի կորպուս և նման բառերը շփոթ էին առաջացնում գլխում։ Մի ժամանակ զորասյուներ էին, հետո գնդեր, բրիգադներ։ Հիմա և՛ բրիգադ, և՛ դիվիզիա։ Ոչինչ չէր հասկանում։ Եթե տեղ է, ուրեմն որոշակի տեղ պետք է լինի, թե չէ ի՞նչ է դուրս գալիս։

― Հիմա հանգիստ լսիր, ծերուկ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա գիտեր, որ եթե չկարողանա Անսելմոյին հասկացնել, Անդրեսին երբեք չի կարողանա։ Դիվիզիայի Estado Mayor֊ը մի տեղ է, որտեղ գեներալը հաստատվում է, որպեսզի ռազմական գործողությունները ղեկավարի։ Նրա հրամանատարության տակ մի դիվիզիա է, որը բաղկացած է երկու բրիգադից։ Ես չգիտեմ, թե որտեղ է շտաբը, որովհետև մեր գալուց հետո են տեղը որոշել։ Հնարավոր է, որ տեղավորված լինի որևէ քարայրում, կամ ամրածածկ խրամատում, ապաստարանում։ Չորս կողմը լարեր են քաշված լինում։ Անդրեսը պետք է հարցնի, թե որտեղ է գեներալը, որտեղ է դիվիզիայի Estado Mayor֊ը։ Նա պետք է սա հանձնի գեներալին կամ նրա Estado Mayor֊ի պետին, կամ էլ նրան, ում անունը որ սրա վրա գրված կլինի։ Սրանցից մեկնումեկը տեղում կլինի, եթե մյուսները գնացած լինեն հարձակման նախապատրաստական աշխատանքներն ստուգելու։ Հիմա հասկացա՞ր։

― Այո։

― Ուրեմն գնա կանչիր Անդրեսին, իսկ ես գրեմ ու կնքեմ այս կնիքով։ ― Նա ցույց տվեց ՌՀԾ֊ի փոքրիկ, կլոր, փայտե կոթիկով կնիքն ու հիսունցենտանոց մետաղադրամի մեծությամբ թիթեղյա տուփի մեջ դրված թանաքի բարձիկը։ Դրանք միշտ գրպանում էր պահում։ ― Այս կնիքը որ տեսնեն, լրիվ կվստահեն։ Հիմա կանչիր Անդրեսին, որպեսզի բացատրեմ։ Պետք է շտապ տեղ հասցնի, բայց անհրաժեշտ է, որ լավ հասկանա անելիքը։

― Եթե ես հասկացա, նա էլ կհասկանա։ Բայց պետք է ավելի պարզ բացատրես։ Այդ շտաբներից ու դիվիզիաներից գլուխս կորցնում եմ։ Ինձ միշտ էլ որոշակի տեղ են ուղարկել, ասենք այսինչ տունը։ Նավասեռադայում հրամանատարը հին պանդոկում է։ Գուադառամայում՝ պարտեզի մեջ գտնվող մի տան մեջ։

― Այս գեներալը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― ռազմաճակատի գծին շատ մոտիկ մի տեղ է լինելու։ Գետնափորում կլինի, որպեսզի պատսպարվի ինքնաթիռների ռմբակոծություններից։ Անդրեսը կհարցնի ու հեշտությամբ կգտնի, միայն թե իմանա, թե ինչ է հարցնելու։ Այս գրությունս որ ցույց տա, բավական է։ Հիմա շուտ արա կանչիր, որովհետև սա շատ արագ պետք է տեղ հասցվի։

Անսելմոն քաշեց մուտքի ծածկոցն ու դուրս եկավ։ Ռոբերտ Ջորդանն սկսեց գրել նոթատետրում։

― Լսի՛ր, Ingles, ― ասաց Պաբլոն՝ նայելով ուղիղ գինու թասին։ ― Ընկճվելու կարիք չկա։ Առանց Սորդոյի մեր ունեցած մարդիկ լրիվ բավական են, կարող ենք և՛ պահակակետերը գրավել, և՛ քո կամուրջը պայթեցնել։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն ու շարունակեց գրել։

― Լրիվ բավական են, ― ասաց Պաբլոն։ ― Ես այսօր հիացա քո խոհեմությամբ, Ingles, ― ասաց Պաբլոն նայելով գինու թասին։ ― Ես կարծում եմ, որ դու շատ placardia[110] ունես։ Դու ինձանից ավելի խորամանկ ես։ Ես քեզ վստահում եմ։

Ռոբերտ Ջորդանի ուղեղը ամբողջովին կենտրոնացել էր Գոլցին ուղարկվելիք զեկուցագրի վրա։ Նա ջանում էր հնարավորին շատ քիչ բառեր օգտագործելով բացարձակապես համոզիչ ձևով ցույց տալ իրերի վիճակը, որպեսզի հարձակման օրը փոխեն, բայց և չմտածեն, որ նա հանձնարարության հետ կապված վտանգից վախենալու պատճառով է գրում դա, հասկանան, որ նա ուզում է պարզապես տեղյակ պահել իրադրությանը։

― Ingles, ― ասաց Պաբլոն։

― Գրում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանն առանց հայացքը բարձրացնելու։

Երևի պետք է երկու օրինակով ուղարկեի, մտածեց նա։ Բայց որ երկուսին ուղարկեմ, եղած մարդիկ չեն հերիքի կամուրջը պայթեցնելու համար, եթե այնուամենայնիվ հարկ լինի պայթեցնել։ Ես ինչ իմանամ, թե այս հարձակումն ինչ նպատակ է հետապնդում։ Գուցե սոսկ զորախաղ է։ Գուցե այս ձևով փորձում են թշնամու զորքերը մյուս ճակատներից այս կողմ քաշել։ Թերևս հյուսիսի ինքնաթիռներն են ուզում այս կողմ քաշել։ Գուցե դրա համար է այս ամենը։ Թերևս ոչ մի հաջողության ակնկալիք էլ չունեն։ Ի՞նչ իմանամ։ Սա Գոլցին ուղղված իմ զեկուցագիրն է։ Ես կամուրջը չեմ պայթեցնի, մինչև հարձակումը չսկսվի։ Ինձ տրված հրամանը պարզ է, եթե հարձակումը չկայանա, ես ոչ մի բան չեմ պայթեցնելու։ Բայց մարդկանց, թեկուզ և նվազագույն, անհրաժեշտ մի քանակություն պետք է լինի, որպեսզի ես կարողանամ ինձ տրված հրամանը կատարել։

― Դու ի՞նչ էիր ասում, ― հարցրեց Պաբլոյին։

― Որ վստահում եմ քեզ, Ingles, ― ասաց՝ շարունակելով խոսքն ուղղել գինու թասին։

Եթե կարողանայի ես էլ նույնը ասել, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Նա շարունակեց գրել։

Գլուխ երեսուներորդ

Այսպես․ այն ինչ արվելու էր այս իրիկուն, արվեց։ Հանձնարարությունները տվել եմ։ Յուրաքանչյուր մարդ ճշգրտորեն գիտի, թե ինչ է անելու առավոտյան։ Անդրեսն արդեն երեք ժամ է, որ գնացել է։ Հարձակումը կսկսվի լուսաբացին, կարող է և չսկսվել։ Կարծում եմ, որ կսկսվի, խոսում էր Ռոբերտ Ջորդանն ինքն իր հետ, երբ իջնում էր բարձունքի պահակակետից, ուր գնացել էր Պրիմիտիվոյին հանձնարարություններ տալու։

Հարձակումը ղեկավարում է Գոլցը, բայց նա իրավունք չունի հրամանը փոխելու։ Հրամանը փոխելու թույլտվությունը պետք է գա Մադրիդից։ Հիմա, գիշերով, դժվար թե կարողանան որևէ մեկին արթնացնել, արթնացնեն էլ՝ քնաթաթախ այդ մարդիկ հազիվ թե ընդունակ լինեն մտածելու։ Զեկուցագիրը շուտ պիտի ուղարկած լինեի Գոլցին, որպեսզի նա իմանար, որ հակառակորդը պատրաստվում է հակահարձակման, բայց մինչև չտեսնեի, թե ինչ է տեղի ունենում, ո՞նց ուղարկեի։ Երեկոյան մութն ընկնելուց հետո սկսեցին զենքը տեղափոխել։ Այնպես էին արել, որ ինքնաթիռները չնկատեն ճանապարհի վրա կատարվող շարժումը։ Բայց այդ դեպքում ինքնաթիռներն ի՞նչ էին նշանակում։

Մերոնք անշուշտ հաշվի առած կլինեն այս բանը։ Բայց թերևս ֆաշիստները դիմել են այդ միջոցին ձևացնելու համար, որ հարձակում են պատրաստում Գվադալախարի վրա։ Ըստ լուրերի, Սորիայում ու Սիգուենայում իտալական զորքեր են կենտրոնացվում, չհաշված հյուսիսում գործողները։ Երկու ճակատով խոշոր հարձակում սկսելու համար նրանք բավարար չափով ոչ զորք ունեն, ոչ էլ զինամթերք։ Այդ մեկն անկարելի է․ ուրեմն պարզապես բլեֆ է։

Բայց մենք գիտենք, թե վերջին երկու ամիսներին ինչքան զորք են ցամաք հանել Կադիսում։ Հնարավոր է, որ նրանք նորից հարձակման փորձ ունեն Գվադալախարում, իհարկե ոչ այնպես հիմարավարի, ինչպես նախորդ անգամ, այլ երեք զուգահեռ գծերով՝ գրավելով բարձրավանդակի երկաթուղու երկարությամբ ձգվող տերիտորիայի արևմտյան մասը։ Դա հնարավոր է գլուխ բերել։ Հանսը իրեն ցույց էր տվել, թե ինչպես։ Նրանք առաջին անգամ բազմաթիվ սխալներ էին թույլ տվել։ Հիմնավոր չէր ամբողջ մտահղացումը։ Արգանդայի վրա կատարվող հարձակման ժամանակ, երբ պետք էր Մադրիդ֊Վալենսիա ճանապարհը կտրել, նրանք Գվադալախարայի զորքերը չօգտագործեցին։ Ինչո՞ւ երկու ուղղությամբ և միաժամանակ չսկսեցին գործողությունները։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Ե՞րբ պիտի իմանանք, թե ինչու։

Ու մենք մեկ և նույն զորքով երկու հարձակումն էլ կասեցրինք։ Եթե նրանք երկու գործողությունները միաժամանակ սկսեին, չէինք կարողանա կասեցնել։ Դե շատ մի մտածիր, ասաց ինքն իրեն։ Հիշիր՝ այնքան հրաշքներ են եղել մինչև օրս։ Հիմա կամ կպայթեցնես այդ կամուրջը, կամ չես պայթեցնի։ Բայց ինքդ քեզ մի խաբիր, թե իբր կարող է վերանալ պայթեցնելու անհրաժեշտությունը։ Պայթեցնելու ես, մի օր չէ մի օր պայթեցնելու ես։ Եթե սա էլ չլինի, մի ուրիշ կամուրջ ես պայթեցնելու։ Դու որոշումներ ընդունող չես, դու հրամաններ կատարող ես։ Կատարի՛ր ու մի՛ փորձիր հասկանալ, թե ինչ է թաքնված նրանց ետևում։

Այս հրամանը շատ հստակ է։ Չափից ավելի հստակ։ Բայց դու չպետք է անհանգստանաս, ոչ էլ վախենաս, որովհետև եթե դու քեզ թույլ տաս այնպիսի մի շռայլություն, որպիսին վախի բնական զգացումն է, կարող ես վախով վարակել քո գործընկերներին։

Բայց որ մարդկանց գլխատել են, դա արդեն ամեն ինչից դուրս բան է, ասաց ինքն իրեն։ Ծերուկն էլ գնացել ու սարի գլխին մեն֊մենակ կանգնել է այդ գլխատված դիակների մոտ։ Եթե դու լինեիր նրա տեղը, ո՞նց կզգայիր քեզ։ Ահավոր կազդվեիր։ Այո, Ջորդան, ահավոր կազդվեիր։ Այսօր դու արդեն մի քանի անգամ առիթ ունեցար խռովահույզ պահեր ապրելու։ Բայց դու քեզ լավ պահեցիր։ Առայժմ քեզ լավ ես պահել, ոնց որ պետք է։

Քո պահվածքը լրիվ համապատասխանում է Մոնտանայի համալսարանի իսպաներենի դասատուին ներկայացվող պահանջներին, ձեռ առավ իրեն։ Լավ ես։ Բայց հանկարծ չմտածես, թե ինչ֊որ առանձնահատուկ բան ես։ Այնքան էլ ակնառու հաջողությունների չես հասել այս գործում։ Հիշիր թեկուզ Դյուրանին, որը ոչ մի զինվորական գիտելիք չի ունեցել մինչև այս պատերազմը, եղել է կոմպոզիտոր, քաղաքի տղա, իսկ հիմա արդեն բրիգադի հրամանատար է։ Զինվորական գործի յուրացումը նրա համար այնքան պարզ ու հեշտ է եղել, ինչքան վունդերկինդի համար շախմատը։ Իսկ դու մանկուց կարդացել ես, սովորել ռազմական գործը, դեռևս պապդ է քեզ մղել այդ գործին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից դեպքեր պատմելով։ Թեև պապդ խռովություն էր ասում դրան և ոչ թե պատերազմ։ Բայց եթե քեզ համեմատենք Դյուրանի հետ, դու ընդամենը ուժեղ շախմատիստ ես, իսկ նա վունդերկինդ է։ Է՜, Դյուրա՛ն, ծերո՛ւկ։ Լավ կլիներ նորից տեսներ Դյուրանին։ Այս գործը որ վերջանա, կտեսնի Գեյլորդում։ Այո՛։ Այս գործը վերջանա։ Տեսնո՞ւմ ես ինչքան լավ է իրեն պահում։

Կտեսնեմ նրան Գեյլորդում, նորից ասաց ինքն իրեն, երբ այս գործը վերջանա։ Ինքնախաբեությամբ մի՛ զբաղվիր։ Դյուրանին դու այլևս երբեք չես տեսնի, և դա կարևոր էլ չէ։ Բայց այս ձևով մտածելն էլ մի բան չէ։ Ոչ սա է պետք, ոչ էլ մյուս շքեղությունը։

Ոչ էլ հերոսական անձնուրացության կարիք կա։ Հերոսական անձնուրացությամբ համակված քաղաքացիների կարիքը չկա այս սարերում։ Մեր քաղաքացիական պատերազմում պապդ չորս տարի կռվել է, դու դեռ մի տարին էլ չես բոլորել։ Դու դեռ շատ երկար ճանապարհ ունես ունես անցնելու, գործ էլ ունես՝ իսկական քեզ համար։ Հիմա քո կողքին է նաև Մարիան։ Այնպես որ՝ ամեն ինչ ունես։ Տագնապելու կարիք չկա։ Իսկ եթե պարտիզանական ինչ֊որ խումբ բախվել է հեծելազորային ինչ֊որ վաշտի, ի՞նչ նշանակություն ունի։ Ոչ մի։ Գլխատել են։ Հետո ի՞նչ։ Սպանվածների վիճակը դրանից փոխվե՞ց։ Բոլորովին։

Երբ պապս պատերազմից հետո Կիրնիի ամրոցում ծառայելիս է եղել, այնտեղ հնդկացիներն իրենց հակառակորդների գլուխները միշտ մաշկել են։ Հիշո՞ւմ ես հորդ գրասենյակը, պահարանը, որի դարակներին նետերի սլաքներ էին դարսված, հետո պատերից կախված ռազմի գլխարկները՝ զարդարված արծվի փետուրներով, եղջերվի մորթուց կարված շալվարներից, բաճկոններից ու հուլունքակար մոքասիներից փչող ծխահոտը։ Հիշո՞ւմ ես գրաասենյակի անկյունում դրված փայտյա մեծ աղեղը, որով բիզոնների որսի են գնում, ռազմական ու որսի նետերի այն երկու կապարճները և զգացողությունը, որ ունենում էիր, երբ նետերի տրցակն առնում էիր ափիդ մեջ։

Նման բաներ հիշիր։ Կոնկրետ մի բան, հիշիր որևէ առարկա։ Հիշիր պապի սուսերը պսպղուն, լավ յուղած, և այն, որ պապը ցույց էր տալիս հեսանելուց բարակած շեղբը։ Հիշիր պապի «Սմիթ֊Վենսոն»֊ը։ Երեսուներկու տրամաչափի սպայական մի ատրճանակ, առանց ապահովիչի։ Ձգանն այնքան փափուկ էր գնում, միշտ լավ յուղած էր, փողը մաքուր, երկար տարիներ պատյանի կաշվե պատերին քսվելուց՝ մետաղը ողորկ֊ողորկ էր դարձել։ Միշտ պատյանի մեջ էր, կափույրի վրա Մ․ Ն․ էր դրոշմված, պահարանի դարակում զենքի մաքրման իրերի հետ դրված էին նաև երկու հարյուր փամփուշտ։ Փամփուշտների խավաքարտե տուփերը փաթաթված էին թղթով և կապված մոմած թելով։

Քեզ թույլ էր տրված ատրճանակը հանել դարակից և պահել ափիդ մեջ։ «Համարձակ պահիր», ասում էր պապը։ Բայց խաղալու իրավունք չունեիր, որովհետև «դա իսկական զենք էր»։

Մի անգամ պապին հարցրեցիր, թե նա երբևէ դրանով որևէ մեկին սպանե՞լ է, և նա ասաց․ «Այո»։

Հետո դու ասացիր․ «Ե՞րբ, պապ», և նա ասաց․ «Խռովարարների պատերազմի ժամանակ, հետագայում նույնպես»։

Դու ասացիր․ «Կպատմե՞ս ինձ, պապ, դրա մասին»։

Եվ նա ասաց․ «Չեմ սիրում դրա մասին խոսել, Ռոբերտ»։

Հետագայում, երբ հայրդ ինքնասպանություն գործեց այդ ատրճանակով և դու ուսման վայրից տուն եկար, թաղման արարողությունից հետո քննիչն ատրճանակը վերադարձրեց քեզ ու ասաց․ «Բոբ, ինձ թվում է, որ դու կուզենայիր պահել այս զենքը։ Ես պետք է ինձ մոտ թողնեի, բայց գիտեմ, որ հայրիկիդ համար դա շատ թանկ է եղել, քանի որ դրանով նրա հայրիկն անցել է ամբողջ պատերազմն ու դրանով էլ, հեծելազորի գլուխն անցած, եկել է այստեղ, բացի այդ, լավ էլ զենք է տակավին։ Այսօր կեսօրից հետո փորձել եմ։ Ճիշտ է, այնքան էլ հեռու չի կրակում, բայց էլի ինչ֊որ բան կարելի է խփել դրանով»։

Հիշեց, թե ինչպես վերցրեց ատրճանակը և նորից դրեց դարակը, նախկին տեղը, բայց հաջորդ օրը հանեց և ձին հեծած Չաբի հետ գնացին սարերը՝ Ռեդ֊Լոջ, որտեղով հիմա Արջի ժանիք բարձրավանդակից եկող ճանապարհն է անցնում և անդունդի վրայով գնում դեպի Քուք֊Սիթի։ Այնտեղ, սարերի մեջ, ուր միշտ թեթև քամի է լինում և ամբողջ ամառ մնում է ձյունը, կանգ առավ լճափին, Չաբը ձիերը պահեց, ինքը բարձրացավ մի ժայռի վրա, կռացավ, նայեց լճին, որի խորությունն ասում են, թե ութ հարյուր ոտնաչափ է, նայեց մուգ կանաչ հանդարտ ջրերին, տեսավ իր դեմքը, տեսավ ինքն իրեն՝ զենքը ձեռքին, հետո ատրճանակի փողից բռնեց ու գցեց ցած և տեսավ, թե ինչպես պղպղջակներ բարձրացնելով այն սուզվեց, փոքրացավ, դարձավ կախազարդի չափ ու անհետացավ։ Ժայռից իջավ, նստեց թմբին ու այնպես ասպանդակեց պառավ Բեսին, որ կենդանին սկսեց ձիուկ֊ճոճանակի նման գավակը վեր֊վեր գցել։ Հետո քշեց լճափով, քշեց այնքան ժամանակ, մինչև ձին խաղաղվեց ու բռնեցին տան ճամփան։

― Ես գիտեմ, թե դու ինչու այդպես վարվեցիր, Բոբ, ― ասաց Չաբը։

― Դե լավ է, ուրեմն այդ մասին չենք խոսի, ― պատասխանեց ինքը։

Հետագայում երբեք չէին խոսել այդ մասին, պապի անձնական զենքերից մնացել էր միայն սուսերը, որը մինչև հիմա էլ մյուս իրերի հետ պահում է Միսուլայում։

Տեսնես ի՞նչ կասեր պապը այսպիսի իրադրությունում, մտածում էր նա։ Բոլորն էլ ասում են, որ պապը հիանալի զինվոր է եղել։ Ասում են՝ եթե նա Կաստերի կողքին լիներ այդ օրը, չէր թողնի, որ Կաստերն այդպես խայտառակ ձևով խաբվեր։ Ինչպե՞ս չի նկատել նա Լիթլ֊Բիգ֊Հորնի երկայնքին փորված խրամատների վրա բարձրացող ծուխը, փոշին, դա չէր նկատվի միայն թանձր մառախուղի ժամանակ։ Բայց այդ օրը մառախուղ չի եղել։

Պիտի ուզենայի, որ հիմա իմ տեղը պապը լիներ։ Լա՜վ, վաղը գիշեր իրար հետ ենք լինելու։ Եթե հանդերձյալ կյանք կոչված ցնդաբանությունը գոյություն ունի, իսկ ես կարծում եմ, որ գոյություն չունի, մտածեց նա, մեծ սիրով պիտի ուզենայի հետը զրուցել։ Որովհետև շատ բաներ կան, որ կուզենայի գիտենալ։ Հիմա ես իրավունք ունեմ նրան հարցեր տալու, որովհետև ինքս էլ նույն տիպի գործեր եմ անում։ Կարծում եմ, որ նա հիմա կպատասխանի իմ հարցերին։ Առաջ ես իրավունք չունեի հարցեր տալու։ Ես նրան հասկանում եմ, նա շատ բան ինձ չէր պատմում, որովհետև չէր ճանաչում։ Բայց հիմա մենք իրար լավ կհասկանանք։ Պիտի ուզենայի խոսել հետը և խորհուրդներ առնել։ Գրողը տանի, խորհուրդ էլ չտա, գոնե կխոսեմ, թեկուզ հենց այնպես։

Հետո տարված այս մտքերով, նա հիշեց, որ եթե այդ հանդիպումը տեղի ունենա, և՛ ինքը, և՛ պապը շատ անհարմար են զգալու հոր ներկայությամբ։ Ամեն մարդ էլ իրավունք ունի այդպես վարվելու, մտածեց նա։ Բայց դա անելու բան չէ։ Ես հասկանում եմ, բայց հավանություն չեմ տալիս։ Lache[111] ― սա է դրա բնորոշումը։ Բայց դու իսկապե՞ս հասկանում ես։ Անշուշտ հասկանում եմ, բայց․․․ Այո, բայց։ Այդպիսի բան անելու համար պետք է ուղեղդ միայն ու միայն քեզանով զբաղված լինի։

Գրողը տանի, ո՜նց եմ ուզում, որ պապն այստեղ լիներ, մտածեց նա։ Գոնե մի ժամով։ Գուցե այն մի քիչը, որ կա իմ մեջ, նա փոխանցել է ինձ այն մեկի միջոցով, որը սխալ կիրառեց զենքը։ Գուցե դա է մեր միակ կապը։ Գրողի ծոցն այդ ամենը։ Գրողի ծոցը, ինչո՞ւ էր մեր տարիքային տարբերությունն այդքան մեծ, որ ես հնարավորություն չունեցա նրանից սովորելու այն, ինչ չկարողացավ տալ մյուսը։ Բայց կարող էր և պատերազմի չորս տարիներին ու հնդկացիների դեմ մղած կռիվների ժամանակ զսպված, հետո նաև հաղթահարված վախը (թեև այնքան էլ սարսափելի բաներ չեն եղել այդ օրերին) պապից փոխանցվել մյուսին, դարձնել նրան cobarde, ինչպես համարյա միշտ լինում է ցլամարտիկների երկրորդ սերնդի հետ։ Կարո՞ղ էր այդպես լինել։ Ո՞վ իմանա, գուցե վերստին դրսևորվելու համար առողջ կորիզը պետք է անցներ այն մեկի միջով։

Երբեք չեմ կարողանում մոռանալ, թե ինչքան վատ զգացի առաջին օրերին, երբ ինձ համար պարզ դարձավ, որ նա cobarde է։

Անգլերեն ասա։ Ասա վախկոտ։ Ասա՛ ու թեթևացիր և բոլորովին էլ կարիք չկա մի շանորդու համար օտար բառեր որոնելու։ Բայց նա շանորդի չէր։ Նա պարզապես վախկոտ էր, իսկ մարդու համար դրանից մեծ դժբախտություն չի կարող լինել։ Որովհետև եթե նա վախկոտ չլիներ, չէր խեղճանա այդ կռվարար կնոջ առաջ ու թույլ չէր տա, որ քթից բռնած ման ածեն իրեն։ Տեսնես ես ինչպիսի՞ն կլինեի, եթե նա ուրիշ կնոջ հետ ամուսնացած լիներ։ Դու դա երբեք չես իմանա, մտածեց նա ու քմծիծաղեց։ Գուցե այդ կնոջ կռվարարությունը լրացրել է այն, ինչ պակասում էր նրա մեջ։ Նաև քո մեջ։ Լավ, շատ մի շտապիր։ Առողջ կորիզի ու նման բաների մասին այդ զրույցներն առայժմ մի կողմ դիր, վաղը կերևա, թե դու ինչ ես։ Գոռոզանալու համար դեռ շատ շուտ է։ Ասենք հետագայում էլ կարիք չկա։ Վաղը կտեսնենք, թե դու ինչ կորիզից ես։ Նա նորից սկսեց մտածել պապի մասին։

«Ջորջ Կաստերը հեծելազորի խելացի հրամանատար չէր, Ռոբերտ», ասել էր պապը։ «Նա առհասարակ խելացի չէր»։

Հիշեց, որ երբ պապն այդպես ասաց, ինքը վատ զգաց․ ինչպե՞ս կարելի էր նման բան ասել մարդու հասցեին, որի անհոյզերբուշյան վիմադիր նկարը կախված էր Ռեդ֊Լոջի բիլիարդի սրահում՝ հագին կաշվե բաճկոն, խարտյաշ գանգուրները քամուն տված և մեն֊մենակ կանգնած հնդկացիների Սիու ցեղի դեմ։

«Նրա ամբողջ շնորհքը ծանր վիճակների մեջ ընկնելն ու դրանցից դուրս գալն էր», շարունակել էր պապը։ «Բիգ֊Լիթլ֊Հորնում էլ այդպես ընկավ, բայց չկարողացավ դուրս գալ»։

«Ինչ վերաբերում է Ֆիլ Շերիդանին, նա խելացի մարդ էր, նմանապես և Ջեբ Ստյուարտը։ Իսկ Ջոն Մոսբին հեծելազորի հիանալի հրամանատար էր, այդպիսին չի եղել»։

Միսուլայում իր իրերի սնդուկի մեջ կար մի նամակ՝ գեներալ Ֆիլ Շերիդանից ծերուկ «Ձին սպանեց» Կիլպատրիկին, այնտեղ գրված էր, որ իր պապն անկանոն հեծելազորի ավելի լավ հրամանատար էր, քան Ջոն Մոսբին։ Պետք էր Գոլցին պատմել պապի մասին, մտածեց։ Պապիս անունը նա երևի չի էլ լսել։ Հավանական է, որ նույնիսկ Մոսբիինը լսած չլինի։

Անգլիացիները գիտեն, որովհետև նրանք շատ ավելի լավ են ուսումնասիրել մեր քաղաքացիական պատերազմը, քան ցամաքամասի մյուս ժողովուրդները։ Կարկովն ասում էր, որ պատերազմի ավարտից հետո, եթե ուզեմ, կարող եմ գնալ և ուսանել Լենինի ինստիտուտում։ Կարող եմ գնալ նաև կարմիր բանակի ռազմական ակադեմիան, եթե ցանկանամ։ Տեսնես պապն ի՞նչ կասեր դրան։ Պապը, որն իր ողջ կյանքում ոչ մի դեմոկրատի հետ երբեք սեղան չէր նստել։

Չէ, զինվոր լինել չեմ ուզում, մտածեց նա։ Այդ մեկը հաստատ է։ Ուրեմն դա բացառվում է։ Իմ ուզածն այն է, որ մենք այս պատերազմում հաղթենք։ Ես կարծում եմ, որ իսկապես լավ զինվորը ուրիշ գործի համար շատ հազվադեպ է իսկապես լավ լինում, մտածեց նա։ Բացահայտ սխալ կարծիք է։ Հիշիր Նապոլեոնին, Վելինգտոնին։ Այս իրիկուն շատ ես հիմարացել, ասաց ինքն իրեն։

Սովորաբար ինքն իր մտքերի հետ լավ ընկերակցության մեջ էր լինում, այս գիշեր էլ այդպես էր, քանի դեռ պապի մասին էր մտածում։ Բայց երբ հորը մտաբերեց, հունից դուրս եկավ։ Նա հասկացել էր հորը, ներել էր ամեն ինչ ու խղճացել էր նրան, բայց ամաչում էր։

Ավելի լավ է բոլորովին չմտածես, ասաց ինքն իրեն։ Շուտով Մարիայի հետ կլինես և այլևս չես մտածի։ Հիմա որ արդեն ամեն ինչ վճռված է, լավագույն բանը չմտածելն է։ Երբ մտքերդ մի բանի վրա կենտրոնանում են, կասեցնել այլևս չես կարողանում, պտտվում են ինչպես անջատված շարժիչի թափանիվը։ Ավելի լավ է չմտածես։

Բայց արի ենթադրենք, մտածեց նա։ Ենթադրենք, որ ինքնաթիռները ռումբերը կթափեն հակատանկային հրանոթների վրա ու գրողի ծոցը կուղարկեն դրանց և մեր տանկերը դուրս կգան ու կշարժվեն սարերի վրայով, և Գոլցը կհետապնդի թշնամուն՝ անցած Տասնչորսերորդ բրիգադի գլուխը, որ կազմված է հարբեցողներից, clochard֊ներից,[112] ֆանատիկոսներից ու հերոսներից, ի հակադրություն Գոլցի մյուս բրիգադի՝ Երկրորդի, որտեղ հիանալի տղաներ են, ճանաչում եմ նրանց, հրամանատարն էլ Դյուրանն է։ Եվ վաղը երեկոյան կլինենք Սեգովիայում։

Այո։ Ենթադրենք, որ այդպես էլ կլինի։ Կգնամ Լա Գրանխա, մտածեց նա։ Բայց դու պիտի կամուրջը պայթեցնես։ Եվ նա հանկարծ շատ պարզ պատկերացրեց իրական վիճակը։ Ո՛չ, հարձակումը չի հետաձգվի։ Չի հետաձգվի, որովհետև հարձակման որոշումն ընդունողները քո այդ ենթադրություններով են առաջնորդվել։ Այո, կամուրջը պայթեցնելու ես։ Նա հիմա արդեն համոզված էր։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ կպատահի Անդրեսին։

Խավարի մեջ նա մենակ իջնում էր արահետով, գոհ էր, որ ամեն ինչ արված է և հիմա չորս ժամ ազատ է լինելու, գոհ էր, որ վերստին կոնկրետ բաների մասին է սկսել մտածել, և այն մտքից, թե կամրջի պայթեցումը հաստատ տեղի է ունենալու, նրա վրա նույնիսկ հանգստություն իջավ։

Անդրեսի միջոցով Գոլցին զեկուցագիր ուղարկելուց հետո անորոշության մի զգացում էր պատել նրան, այնպիսի վիճակում էր, ինչպես լինում է այն ժամանակ, երբ ամսաթիվը շփոթելով ընկնում ես կասկածների մեջ, չգիտես հյուրերը երեկույթին կգան թե ոչ։ Այդ վիճակից այժմ արդեն դուրս էր եկել։ Հիմա նա հաստատ գիտեր, որ տոնակատարությունը չի հետաձգվելու։ Լավ է, երբ հաստատ գիտես, մտածեց նա։ Միշտ էլ, երբ հաստատ գիտես, ավելի լավ է։

Գլուխ երեսունմեկերորդ

Եվ ահա նորից ուշ գիշեր էր և նորից իրար հետ ննջապարկի մեջ էին։ Մարիան հպվել էր նրան, և նա զգում էր աղջկա ազդրերի երկարուն ողորկությունը, կրծքերը, որ կարծես երկու փոքրիկ բլուրներ լինեին դաշտում, որտեղ մի աղբյուր կա, իսկ բլուրներից այն կողմ պարանոցի հովիտն է, հետո գալիս են շրթունքները։ Ռոբերտ Ջորդանը անշարժ պառկել էր ու ոչ մի բանի մասին չէր մտածում, իսկ աղջիկը գլուխն էր շոյում։

― Ռոբերտ, ― ասաց Մարիան շատ ցածր ձայնով ու համբուրեց նրան։ ― Աղաչում եմ։ Ես չեմ ուզում քեզ վշտացնել, բայց ցավում է, շատ է ցավում։ Երևի այս գիշեր լավ չզգաս ինձ հետ։

― Այդ ցավը միշտ էլ լինում է, ― ասաց նա։ ― Ոչինչ, նապաստակ, դատարկ բան է։ Մենք էլ այնպիսի բան չենք անի, որ ցավեցնի։

― Այդ չէ։ Այն է, որ ես չեմ կարող քեզ հետ այնպես լինել, ինչպես ուզում եմ։

― Կարևոր չէ։ Կանցնի։ Պառկա՞ծ ենք կողք֊կողքի, դա արդեն ամեն ինչ է։

― Այո, բայց ամաչում եմ։ Երևի դա այն ժամանակից է գալիս, երբ այնպիսի բաներ արեցին ինձ։

― Արի չխոսենք այդ մասին։

― Ես էլ չեմ ուզում խոսել։ Բայց ցավալի է, որ հենց այս գիշեր այսպես եղավ, ասում եմ, որպեսզի իմանաս, թե ինչու չեմ կարող։

― Լսի՛ր, նապաստակ, ― ասաց նա։ ― Այդ բոլորը կանցնեն, և շուտով ամեն ինչ լավ կլինի։ ― Սակայն մտածում էր, որ լավ չեղավ այսպես՝ վերջին գիշերով։

Հետո ամաչեց իր մտքերից և ասաց․

― Մոտ պառկիր, նապաստակ, հպվիր ինձ։ Երբ հպվում ես ինձ խավարում, ես այն նույն զգացողությունն եմ ունենում, ինչ քեզ հետ սեր անելիս։

― Ես շատ եմ ամաչում, որովհետև մտածում էի, որ այս գիշեր էլ այնպես կլինի, ինչպես Սորդոյի մոտից վերադառնալիս եղավ՝ սարալանջին։

― Que va, ― ասաց նա։ ― Այդպես ամեն օր չի լինում։ Այսպես էլ է լավ։ ― Ստում էր, ջանում էր թաքցնել հուսախաբությունը։ ― Մենք հանգիստ կողք֊կողքի կպառկենք ու կքնենք։ Արի զրուցենք։ Ես քեզ շատ քիչ եմ լսել։ Զրուցենք։

― Ինչի՞ մասին զրուցենք, վաղվա՞, քո գործի՞։ Այնպես կուզեի իմանալ քո գործը։

― Ոչ, ― ասաց նա և մարմինը լրիվ թուլացրած հանգիստ պառկեց ննջապարկում, ձախ թևը մտցրեց աղջկա գլխի տակ և այտը հպեց ուսին։ ― Ամենախելացի բանն այն կլինի, որ մենք ոչ վաղվա մասին խոսենք, ոչ էլ այսօրվա դեպքի։ Այս գործում կորուստների մասին դատողություններ չեն անում, իսկ այն ինչ արվելու է վաղը, պետք է արվի։ Չե՞ս վախենում։

― Que va, ― ասաց աղջիկը։ ― Ես միշտ էլ վախեցած եմ։ Բայց հիմա այնքան եմ քեզ համար վախենում, որ ինձ մոռացել եմ։

― Պետք չէ, նապաստակ։ Ես այսպիսի բաներ շատ եմ տեսել։ Սրանից վատերն էլ են եղել, ― ստեց նա։ Հետո հանկարծ, հանձնվելով պատրանքի հեշտանքին, ասաց․ ― Արի խոսենք Մադրիդից, խոսենք ինչեր ենք անելու այնտեղ։

― Լավ, ― ասաց աղջիկը, հետո թե․ ― Ռոբերտո, ցավում եմ, որ ես այսօր այսպես եմ։ Ուրիշ բան չե՞մ կարող անել քեզ համար։

Նա շոյեց աղջկա գլուխն ու համբուրեց նրան, հետո հանգիստ պառկեց և ականջ դրեց գիշերային լռությանը։

― Խոսիր Մադրիդի մասին, ― ասաց և մտածեց․ ես այս խոսակցությունը կհիշեմ, և վաղը սա ինձ պետք կգա։ Վաղն ինձ ամեն ինչ, ամեն ինչ, որ ունեմ, պետք են գալու։ Նույնիսկ այս ասեղնատերևները։

Հետո նորից հանձնվեց պատրանքի հեշտանքին, և դա նման էր սիրահարների գիշերային լուռ մերձեցման, երբ ոչ թե փոխըմբռնում կա, այլ լոկ հեշտանք։

― Սիրելիս, ― ասաց նա ու համբուրեց աղջկան։ ― Լսիր, թե ինչ եմ ասում։ Երեկ գիշեր մտածում էի, որ ինչպես Մադրիդ հասնելուց հետո քեզ կթողնեմ հյուրանոցում և կգնամ հանդիպելու ռուս տղաներին։ Հիմա տեսնում եմ, որ դա անհեթեթություն է։ Ոչ մի հյուրանոցում էլ չեմ թողնի ես քեզ։

― Ինչո՞ւ։

― Դու միշտ ինձ հետ կլինես։ Ես քեզ ոչ մի վայրկյան մենակ չեմ թողնի։ Իրար հետ կգնանք Սեգուրիդադ, փաստաթղթերս կվերցնենք, հետո կգնանք քեզ համար շորեր գնելու։

― Ինձ շատ բան պետք չէ, ինքս էլ կարող եմ գնել։

― Ոչ, պետք է, և շատ, մենք կգնենք ամենալավ հագուստները, դու դրանց մեջ գեղեցկուհի կդառնաս։

― Ես կնախընտրեի հյուրանոցում մնալ և աշխատողներից մեկին ուղարկել հագուստներ բերելու։ Այդ հյուրանոցը որտե՞ղ է։

― Պլասա Դել Կալլաոյի վրա։ Մենք մեր ժամանակի մեծ մասը հյուրանոցում կանցկացնենք։ Այնտեղ՝ համարում, մի մեծ մահճակալ կա, մաքուր սավաններով, լողասենյակում տաք ջուր, սենյակում երկու պահարան, մեկի մեջ քո իրերը կտեղավորենք, մյուսի մեջ՝ իմ։ Համարի բարձր ու լայն պատուհանները կարելի է բացել և նայել դուրս, գարնանային փողոցին։ Ես գիտեմ մի քանի տեղ, ճիշտ է, օրենքով արգելված, որտեղ լավ ուտելիքներ են լինում, գիտեմ նաև խանութներ, որտեղ դեռևս կարելի է գինի ու վիսկի ձեռք բերել։ Համարում ուտելու բաներ կպահենք, որպեսզի սովածանալիս դեսուդեն չընկնենք, ինձ համար վիսկի կառնեմ, իսկ քեզ համար՝ մանսանիլլա։

― Ես ուզում եմ վիսկի փորձել։

― Բայց գիտե՞ս, որ վիսկի ճարելը շատ դժվար է, իսկ մանսանիլլա դու սիրում ես։

― Լավ, Ռոբերտո, վիսկին պահիր, ― ասաց նա։ ― Ա՜խ, ոնց եմ սիրում քեզ։ Սիրում եմ քեզ, քո վիսկին, որը խնայում ես ինձնից։ Ինչ խոզն ես։

― Լավ, կտամ, փորձիր։ Բայց դա կնոջ համար չէ։

― Եվ ես, ըստ քեզ, մինչև օրս այնպիսի բաներ եմ ճաշակել, որոնք կնոջ համար են եղել, ― ասաց Մարիան։ ― Հետո, հարսանեկան այս նույն շապիկո՞վ եմ լինելու անկողնում։

― Ո՛չ։ Քեզ համար նոր գիշերանոցներ կգնեմ, պիժամաներ, գուցե դու գերադասում ես պիժամա՞ն։

― Գնելու եմ հարսնության յոթ շապիկ, ― ասաց աղջիկը։ ― Շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար մեկը։ Հարսնական մի շապիկ էլ քեզ համար կգնեմ։ Դու քո շապիկը երբևէ լվանո՞ւմ ես։

― Երբեմն։

― Այնպես կանեմ, որ ամեն ինչ մաքուր լինի, վիսկի կլցնեմ բաժակիդ մեջ ու ջուր կավելացնեմ, ոնց որ Սոորդոյի մոտ էիր անում։ Ձիթապտուղ կճարեմ, աղած ձողաձուկ ու աղած կաղին, որպեսզի վիսկիի վրայից ուտես, և ամիսը կանցնի ու մենք համարից դուրս չենք գա։ Եթե միայն կարողանամ քեզ հետ այնպես լինել, ինչպես պետք է, ― ասաց նա հանկարծ տխրելով։

― Դատարկ բան է դա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Իսկապես դա դատարկ բան է։ Երևի վերք է եղել, հետո սպիացել է, հիմա նորից սկսել է ցավել։ Լինում է այդպես։ Կանցնի։ Իսկ եթե լուրջ բան է, Մադրիդում լավ բժիշկներ կան։

― Բայց մինչև հիմա լավ էր, ― գանգատվեց նա։

― Ուրեմն նորից լավ կլինի։

― Որ այդպես է, արի նորից Մադրիդի մասին խոսենք։ Աղջիկն իր ոտքերը փարեց նրա ոտքերին և գլուխը հպեց ուսին։ ― Բայց ես տգեղ եմ այսպես, խուզած գլխով, դու չե՞ս ամաչի ինձ հետ դուրս գալ։

― Ոչ։ Դու սիրուն ես։ Շատ սիրուն դեմք ունես, գեղեցիկ մարմին, երկար, թեթև, իսկ մաշկդ ողորկ է, մուգ ոսկեգույն, ով քեզ տեսնի, փորձելու է խլել ինձանից։

― Que va, ինձ քեզանից խլե՞ն, ― ասաց աղջիկը։ ― Մինչև մահ ինձ ոչ մի տղամարդ ձեռք չի տա։ Ինձ քեզանից խլե՜ն։

― Բայց կփորձեն շատերը։ Կտեսնես։

― Երբ տեսնեն ինչպես եմ սիրում քեզ, կհասկանան, որ ինձ քեզանից խլելը նույնն է, ինչ ձեռքն հալած արճճի կաթսայի մեջ մտցնելը։ Իսկ դո՞ւ։ Եթե քո շրջանակի կրթված կանանց հանդիպես, չե՞ս ամաչի, որ ինձ հետ ես։

― Երբեք։ Ես քեզ հետ ամուսնանալու եմ։

― Լավ, եթե ուզում ես, ― ասաց աղջիկը։ ― Բայց որ մեզ մոտ հիմա եկեղեցիներ չկան, երևի դա արդեն կարևոր չէ։

― Ես ուզում եմ, որ մենք ամուսնանանք։

― Լավ, եթե ուզում ես։ Բայց իսկապես, եթե պատահի, որ գնանք մի երկիր, որտեղ տակավին եկեղեցիներ կան, թերևս կարողանանք ամուսանանալ, հա՞։

― Իմ երկրում եկեղեցին մնում է տակավին, ― ասաց նա։ Այնտեղ մենք կարող ենք ամուսնանալ, եթե դու դրան նշանակություն ես տալիս։ Ես երբեք ամուսնացած չեմ եղել։ Այնպես որ ոչ մի բարդություն չկա։

― Ես ուրախ եմ, որ դու երբեք ամուսնացած չես եղել, ― ասաց նա։ ― Բայց ավելի ուրախ եմ, որ այնպիսի բաներ գիտես, որոնց մասին ասացիր քիչ առաջ, նշանակում է դու շատ կանանց հետ ես եղել, իսկ Պիլարն ինձ ասաց, որ այդպիսի տղամարդիկ լավ ամուսիններ են լինում։ Բայց հիմա արդեն ուրիշ կանանց ետևից չես վազի, չէ՞։ Ես կմեռնեմ, եթե այդպիսի բան անես։

― Կանանց ետևից ես երբեք չեմ վազել, ― ասաց նա, և դա ճիշտ էր։ ― Մինչև քեզ հանդիպելս ես չէի էլ մտածում, որ կարող եմ խորապես սիրել որևէ մեկին։

Աղջիկը շոյեց նրա այտերն ու ձեռքերով փարվեց գլխին։

― Երևում է շատ կանանց ես դու ճանաչել։

― Ոչ մեկին չեմ սիրել։

― Լսի՛ր, Պիլարը ինձ մի բան ասաց․․․

― Ի՞նչ, ասա։

― Չէ՞ Ավելի լավ է չասեմ։ Արի նորից Մադրիդի մասին խոսենք։

― Ի՞նչ էիր ուզում ասել։

― Չեմ ուզում ասել։

― Թերևս ավելի լավ է ասես, կարող է կարևոր լինել։

― Կարծո՞ւմ ես, որ կարևոր է։

― Այո։

― Բայց ինչի՞ց գիտես, որ կարևոր է, եթե չգիտես, թե ինչ է։

― Քո ասելու եղանակից։

― Ուրեմն չեմ թաքցնի քեզանից։ Պիլարը ասաց, որ մենք բոլորս էլ մեռնելու ենք վաղը, և դու նույնքան լավ գիտես, ինչքան ինքը, բայց կարևորություն չես տալիս։ Նա ոչ թե քննադատելու համար ասաց, այլ հիացմունքով։

― Այդպե՞ս ասաց։ ― Այ քեզ խելագար քավթառ, մտածեց նա ու ասաց․ ― Դա նրա գնչուական զառանցանքներից է։ Այդպիսի զրույցներ անում են միայն շուկայում առուծախ անող կանայք և սրճարաններում շաղակրատող վախկոտները։ Դա ի՞նչ խոսք է, դրան ասում են համը հանել։ ― Զգաց, որ թեևատակերից քրտինքը հոսելով իջավ կողերով։ Վախեցա՞ր, ասաց ինքն իրեն, հետո բարձրաձայն դարձավ աղջկան։ ― Սնահավատ ու շաղակրատ քավթառ է, ուրիշ ոչինչ։ Արի նորից Մադրիդի մասին խոսենք։

― Ուրեմն դա ճիշտ չէ՞, այդպիսի բան չգիտե՞ս։

― Իհարկե ոչ։ Մի խոսիր այդ զառանցանքների մասին, ― ասաց նա՝ մի թունդ ու կեղտոտ բառ օգտագործելով։

Հիմա նորից էր խոսում Մադրիդի մասին, բայց զգում էր, որ չի կարողանում անուրջին ձուլվել, նա ստում էր և՛ իր սիրած աղջկան, և՛ իրեն, որպեսզի սպանի մարտին նախորդող գիշերը, ու անում էր գիտակցաբար։ Հաճելի էր, բայց պատրանքի հեշտանքն արդեն չքացել էր։ Այնուամենայնիվ նա վերսկսեց․

― Ես մտածել եմ նաև մազերիդ մասին, ― ասաց նա։ ― Մտածել եմ, թե ինչ կարելի է անել։ Հիմա դրանք հավասար աճում են, ոնց որ վայրի գազանի մուշտակը, և շատ սիրուն են, երբ ձեռքս տանում եմ գլխիդ վրայով, զգում եմ, որ մազերդ բարձրանում են, ճկվում ու նորից հարթվում, կարծես քամուց օրորվող ցորենի արտ լինի, շատ գեղեցիկ է։

― Տա՛ր ձեռքդ գլխիս վրայով։

Տարավ և գլխի վրա էլ թողեց։ Հետո շարունակեց խոսել շրթունքները գրեթե հպած նրա կոկորդին, իսկ իր կոկորդը թվում էր ուռչում է։

― Ես մտածել եմ, որ Մադրիդում մենք իրար հետ կգնանք վարսավիրի մոտ, կողքերից ու ծոծրակի մասում մազերդ կկտրենք, ոնց որ իմը, այդպես ավելի սիրուն կլինի, մինչև մի լավ երկարեն։

― Ես ուզում եմ քեզ նման լինել, ― ասաց Աղջիկն ու գրկեց նրա։ ― Հետագայում էլ երբեք չեմ փոխի սանրվածքս։

― Ոչ։ Սկզբում, քանի կարճ են, այդպես կլինի, հետո կերկարեն, չէ՞։ Ինչքա՞ն ժամանակից կերկարեն։

― Շատ երկա՞ր։

― Չէ։ Մինչև ուսերդ։ Ուզում եմ, որ այդպես լինեն։

― Ոնց որ Գարբոն կինոյում։

― Այո, ― ասաց նա խզված ձայնով։

Պատրանքի կառույցը հիմա նորից էր սկսել բարձրանալ, և նա ուզում էր ամբողջ էությամբ փարվել, հանձնվել դրան։ Եվ հանձնվեց։

― Կերկարեն, կհասնեն ուսերիդ, և ծայրերին գանգուրների կոհակներ կառաջանան, նման ծովի կոհակներին, ու նրանք հասուն արտի ցորենների գույնը կունենան, դեմքդ՝ մուգ ոսկու, իսկ աչքերիդ գույնը կլինի ներդաշնակ մազերիդ ու մաշկիդ գույնին՝ ոսկեգույն, մուգ առկայծումներով, և ես ետ կտանեմ գլուխդ ու կնայեմ աչքերիդ մեջ ու ամուր կգրկեմ քեզ․․․

― Որտե՞ղ։

― Որտեղ պատահի։ Որտեղ էլ լինենք։ Ինչքա՞ն ժամանակից կերկարեն մազերդ։

― Չգիտեմ։ Երբեք չեմ կտրել։ Երևի վեց ամսից կհասնեն ականջներիս։ Գուցե մի տարի հետո քո ուզածի չափ լինեն։ Բայց գիտե՞ս, թե առաջին հերթին ի՞նչ ենք անելու։

― Ասա տեսնեմ։

― Մեր փառավոր պանդոկի քո փառավոր համարում մենք նստելու ենք փառավոր մահճակալի վրա փռված մաքուր անկողնին և երկուսով նայելու ենք պահարանի դռան վրայի հայելուն և նրա մեջ տեսնելու ենք քեզ, տեսնելու ենք ինձ, հետո ես շրջվելու եմ դեպի քեզ , այսպես, թևերով փաթաթվելու եմ քեզ, այսպես, և համբուրելու եմ քեզ, այսպես։

Հետո նրանք անշարժ պառկեցին գիշերային մթության մեջ իրար փարված, սիրաբորբ, քարացած, Ռոբերտ Ջորդանն ամուր գրկեց աղջկան և հասկացավ, որ գրկում է այն ամեն, ամեն ինչը, որ երբեք չի լինելու, բայց, պատրանքից ազատվել չուզելով, ասաց․

― Նապաստակ, մենք միշտ այդ պանդոկում չենք ապրելու։

― Ինչո՞ւ։

― Մադրիդում մենք կարող ենք բնակարան վարձել։ Ես ծանոթ եմ ամերիկացի մի կնոջ, որը պատերազմից առաջ Բուեն Ռետիրո զբոսայգու մոտով անցնող փողոցի վրա կահավորված բնակարաններ էր վարձով տալիս։ Կարծում եմ, որ կկարողանամ նախապատերազմական գներով մի բնակարան վարձել։ Այդտեղ բնակարանների մի մասի պատուհանները զբոսայգու վրա են բացվում, երկաթյա ցանկապատերի, ծաղկաթմբերի, կանաչ մարգերի միջով անցնող խճապատ արահետների, ստվերախիտ ծառերի ու բազմաթիվ շատրվանների վրա։ Հիմա այնտեղ շագանակենիները ծաղկել են։ Մադրիդում մենք կարող ենք զբոսնել այգում, թիավարել լճակում, եթե նորից լցրել են ջուրը։

― Իսկ ինչո՞ւ են դատարկել։

― Նոյեմբերին դատարկեցին, որպեսզի թշնամու ինքնաթիռները հնարավորություն չունենան դրանով կողմնորոշվելու։ Բայց հիմա երևի լցրել են։ Հաստատ չեմ կարող ասել։ Սակայն եթե լցրած էլ չլինեն, ոչինչ, կզբոսնենք այգում, լճի մյուս կողմը մի տեղ կա, որ կարծես անտառ լինի, այդտեղ աշխարհի բոլոր կողմերից ծառեր են բերել֊տնկել, բներին տախտակներ են կախված, վրան գրված է՝ թե ինչ ծառ է և որտեղ է աճում։

― Ես առաջին հերթին կուզենայի կինո գնալ, ― ասաց Մարիան։ ― Բայց ծառերն էլ շատ հետաքրքրական են, և ես կջանամ քեզ հետ միասին բոլորի անունները սովորել, եթե կարողանամ հիշել։

― Դա թանգարանի նման չէ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այդտեղ ամեն ինչ բնական է, ծառեր են, աճում են իրենց համար, մի մասը բլուրների վրա, մյուսը՝ հարթության, մի անկյուն էլ կա՝ իսկական ջունգլի։ Զբոսայգու ներքևի մասում, մայթերի վրա գրքերի շուկան է, հարյուրավոր կրպակներ են իրար կողքի շարված, օգտագործված գրքեր են վերավաճառում, պատերազմն սկսվելուց հետո ինչքան գիրք ասես լցված է այդտեղ, ռմբակոծություններից քանդված տներից են գողացել֊բերել, ֆաշիստներից են թալանել։ Ես կարող եմ օրերով թափառել գրքերի շուկայում, այդպես վարվել եմ մի անգամ պատերազմից առաջ, բայց դրա համար պետք է ժամանակ ունենալ, տեսնենք ժամանակ կլինի՞ Մադրիդում։

― Դու կգնաս գրքերի շուկա, իսկ ես այդ ընթացքում տունը կարգի կբերեմ, ― ասաց Մարիան։ Մենք այնքան փող կունենա՞նք, որ կարողանանք աղախին պահել։

― Անշուշտ։ Կարող եմ հյուրանոցից Պետրային բերել, եթե դու նրան հավանես։ Լավ ճաշեր է պատրաստում և մաքուր է։ Լրագրողների համար էր եփում, նրանց սենյակներում, էլեկտրական սալօջախի վրա, կերել եմ նրա եփած ճաշերը։

― Եթե ուզում ես, բեր, ― ասաց Մարիան։ ― Թե չէ ես էլ կարող եմ մեկնումեկին գտնել։ Բայց երևում է, որ դու հաճախ ես այսպիսի գործով մեկնելու, իսկ ինձ թույլ չեն տա ընկերակցելու քեզ։

― Գուցե կարողանամ Մադրիդում աշխատանքի անցնել։ Ես արդեն երկար ժամանակ է, որ այսպիսի գործեր եմ անում, պատերազմի առաջին օրվանից միշտ մասնակցել եմ կռիվներին։ Հնարավոր է, որ Մադրիդում հիմա մի աշխատանք տան ինձ։ Ես երբեք այդպիսի բան չեմ խնդրել։ Միշտ ռազմաճակատում եմ եղել կամ այսպիսի գործեր եմ արել։

Գիտե՞ս, որ մինչև քեզ հանդիպելս ես երբեք ոչ մի բան չեմ խնդրել։ Ոչ էլ ինչ֊որ բանի եմ ձգտել։ Մտածել եմ միայն մեր շարժման ու մեր հաղթանակի մասին։ Ճիշտ եմ ասում, շատ մաքուր եմ եղել իմ ձգտումների մեջ։ Շատ գործեր եմ արել, և հիմա, ահա, հանդիպել եմ քեզ ու սիրել, ― ասաց նա, լիովին գիտակցելով, որ այս ամենը պատրանք է, ― ես սիրում եմ քեզ այնպես, ինչպես ազատությունը, արժանապատվությունը, աշխատելու և քաղցած չլինելու մարդկային իրավունքը։ Ես քեզ սիրում եմ ինչպես Մադրիդը, որ մենք պաշտպանեցինք և ինչպես բոլոր այն ընկերներին, որոնք զոհվեցին։ Շատ զոհվեցին։ Ես սիրում եմ քեզ այնպես, ինչպես այն, ինչ ամենից ավելի եմ սիրում աշխարհում, նույնիսկ ավելի։ Ես քեզ շատ եմ սիրում, նապաստակ։ Շատ ավելի, քան կարող եմ ասել խոսքերով։ Բայց ասում եմ, որպեսզի գոնե մի քիչ ասած լինեմ քեզ։ Ես երբեք կին չեմ ունեցել, իսկ հիմա դու իմ կինն ես, և ես երջանիկ եմ։

― Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի լավ կին լինեմ քեզ համար, ― ասաց Մարիան։ ― Ճիշտ է, ես ոչինչ չգիտեմ, բայց կջանամ սովորել։ Եթե բնակվենք Մադրիդում, լավ։ Եթե բնակվենք մի ուրիշ վայրում, նույնպես լավ։ Եթե բնակվելու մշտական տեղ չունենանք և ես կարողանամ ընկերակցել քեզ, ավելի լավ։ Եթե գնանք քո երկիրը, ես կսովորեմ անգլերեն խոսել, ինչպես քո երկրի բոլոր Ingles֊ները։ Ես կսովորեմ նրանց նիստուկացը և ես էլ նույն ձևով կշարժվեմ։

― Երևի շատ ծիծաղելի լինես։

― Երևի։ Սխալներ կանեմ, բայց դու կուղղես, և արդեն երկրորդ անգամ չեմ անի, կամ կանեմ միայն երկու անգամ։ Հետո, եթե դու այնտեղ կարոտես մեր ճաշերը, ես կեփեմ քեզ համար։ Եթե այնտեղ տնային տնտեսուհիների դպրոց լինի, կհաճախեմ այդ դպրոցը և ամեն ինչ կսովորեմ։

― Այդպիսի դպրոցներ կան, բայց դու դրանց կարիքը չունես։

― Պիլարն ինձ ասաց, որ իրեն թվում է, թե ձեր երկրում այդպիսի դպրոցներ կան։ Նա դրանց մասին ինչ֊որ հանդեսում է կարդացել։ Հետո ասաց, որ ես պետք է սովորեմ անգլերեն խոսել, և լավ խոսել, որպեսզի դու երբեք ստիպված չլինես ամաչելու ինձ համար։

― Ե՞րբ է ասել այդ ամենը։

― Այսօր, երբ իրերն էինք կապկպում, նա մի գլուխ ինձ բացատրում էր, թե ինչ պետք է անեմ, երբ կինդ դառնամ։

Ուրեմն նա էլ է թռել Մադրիդ, մտածեց Ռոբերտ Ջորդանը և հարցրեց․

― Ուրիշ ի՞նչ ասաց։

― Ասաց, որ պետք է հոգ տանեմ մարմնիս, այնպես պահեմ, ոնց որ ցլամարտիկները։ Ասաց, որ դա շատ կարևոր է։

― Այո, կարևոր է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց դու կարող ես դեռ երկար ժամանակ չմտահոգվել դրանով։

― Ոչ։ Նա ասաց, որ կանայք պետք է միշտ ուշադիր հետևեն իրենց, որովհետև դա կարող է շատ հանկարծակի սկսվել։ Նա ասաց, որ մի ժամանակ ինքն էլ ինձ նման նիհար է եղել, բայց այն օրերին կանայք մարմնամարզությամբ չեն զբաղվել։ Նա ասաց, թե ինչպիսի վարժություններ է անհրաժեշտ անել, բացի այդ, պետք է քիչ ուտել։ Ասաց նաև, թե ինչ պետք չէ ուտել։ Բայց մոռացել եմ, պետք է նորից հարցնեմ։

― Կարտոֆիլ։

― Այո, ― շարունակեց աղջիկը։ ― Կարտոֆիլ և տապակած բաներ։ Իսկ երբ իմ այս ցավի մասին խոսեցի նրա հետ, ասաց, որ պետք է դիմանամ ու քեզ ոչինչ չհայտնեմ։ Բայց ես հայտնեցի, որովհետև չեմ ուզում երբևիցե քեզ խաբած լինել, միևնույն ժամանակ նաև վախենում էի, որ դու կարող ես մտածել, թե մենք այլևս չենք կարող իրար հաճույք պատճառել, և այն, ինչ եղավ սարալանջին, իրականում չի եղել։

― Ճիշտ արեցիր, որ ասացիր։

― Իսկապե՞ս։ Ախր ես ամաչում եմ, որ այսպես եղավ։ Ասա՛, ի՞նչ ես ցանկանում, և ես կանեմ։ Պիլարն ինձ ասաց, թե ինչեր կարելի է անել ամուսնու համար։

― Ոչ մի բանի էլ կարիք չկա։ Ինչ որ ունենք, մեր երկուսի ունեցածն է, և մենք պետք է այն պահենք ու պահպանենք։ Ես քեզ սիրում եմ հենց այսպես, երբ դու պառկած ես կողքիս և ես կարողանում եմ դիպչել քեզ, զգալ, որ դու այստեղ ես, իսկ երբ մի օր դու նորից պատրաստ լինես, մենք այն ամենը, ինչ ուզում ենք, կունենանք։

― Բայց դու ոչ մի կարիք չունե՞ս, որ ես կարող եմ բավարարել։ Նա ինձ այդ էլ է բացատրել։

― Ոչ մի։ Մեր կարիքները ընդհանուր են։ Ինչ կարիք որ դու ունես, այն էլ ես ունեմ։

― Դու ինձ հանգստացրիր։ Բայց իմացիր, ես պատրաստ եմ անելու, ինչ որ ցանկանաս։ Միայն թե ասա ինչ, որովհետև ես ոչինչ չգիտեմ, և թեև Պիլարը ինձ բացատրեց, բայց լավ չպատկերացրեցի։ Ամաչեցի նորից հարցնել, իսկ նա շատ բան գիտի, շատ իմաստուն է։

― Նապաստա՛կ, ― ասաց նա։ ― Դու հրաշալի ես։

― Que va, ― ասաց աղջիկը։ ― Կարծում ես հնարավո՞ր է կանացի այդ բոլոր գործերը մի օրում հասկանալ ու սովորել, այն էլ, երբ մի կողմից իրերն ես կապկպում, որպեսզի պատրաստ լինենք մարտի, մյուս կողմից մոտակա սարերում արդեն տեղի է ունենում մարտը։ Դրա համար էլ, եթե ինչ֊որ բանում ես սխալվեմ, դու պետք է ինձ ասես, որովհետև ես քեզ սիրում եմ։ Կարող է և ամեն ինչ ճիշտ չհիշեմ, մանավանդ որ այն ամենը, ինչ բացատրում էր, շատ բարդ էր։

― Ուրիշ ի՞նչ ասաց քեզ Պիլարը։

― Pues, այնքա՜ն բան, որ չեմ էլ կարող հիշել։ Ասաց, որ քեզ հետ կարող եմ զրուցել այն մասին, թե ինչ արեցին ինձ, եթե դա նորից սկսի տանջել ինձ, որովհետև դու լավ մարդ ես ասաց և ամեն ինչ կհասկանաս։ Բայց քանի դեռ չի սկսել նախկինի նման տանջել, ավելի լավ է լռել այդ մասին, իսկ եթե հնարավոր չլինի լռել, պատմեմ և այդ ձևով գուցե թեթևանամ։

― Հիմա դա տանջո՞ւմ է քեզ։

― Ոչ։ Այն պահից, որ մենք իրար հետ եղանք, ինձ թվում է, թե այն մեկը երբեք էլ չի եղել։ Ծնողներիս վիշտը, սակայն, չի անցնում։ Դա չի էլ անցնի, դա կմնա ընդմիշտ։ Բայց ես պատմում եմ, որովհետև քո հպարտության համար եմ մտահոգվում, դու չպետք է ամաչես քո կնոջ պատճառով, դրա համար էլ ուզում եմ, որ իմանաս։ Ես ոչ մեկին հլու֊հնազանդ չեմ տրվել։ Միշտ դիմադրել եմ, և միշտ երկու հոգով են ինձ վատ բաներ արել։ Մեկը նստել է գլխիս և ամուր բռնել ձեռքերս։ Ես սա պատմում եմ, որպեսզի կարողանաս հպարտ զգալ։

― Դու իմ հպարտությունն ես։ Մի՛ պատմիր։

― Ոչ, ես սա ասում եմ, որովհետև կինը ամուսնու հպարտությունն է։ Մի ուրիշ բան ևս։ Հայրս մեր ավանի պետն էր, պատվավոր մարդ էր։ Մայրս պատվավոր կին էր և բարեպաշտ կաթոլիկ, նրան գնդակահարեցին հորս հետ, ամուսնու քաղաքական հայացքների համար։ Հայրս հանրապետական էր։ Ես տեսա, թե ինչպես գնդակահարեցին երկուսին էլ, հայրս «Viva la Republica» ասաց, երբ գնդակահարում էին նրան ավանի սպանդանոցի պատի տակ։

Մայրս, որին նույնպես կանգնեցրին այդ պատի տակ, ասաց․ «Կեցցե ամուսինս, որն այս ավանի պետքն է եղել»։ Ես կարծում էի, որ ինձ նույնպես գնդակահարելու են, և պատրաստվել էի «Viva Republica y vivan mis padres» ասելու, բայց գնդակահարելու փոխարեն ուրիշ բաներ արեցին։

Քեզ մի բան եմ պատմելու, որը մեզ է վերաբերում։ Լսի՛ր։ Matadero֊յի մոտ գնդակահարությունները վերջացնելուց հետո մեզ՝ սպանվածների հարազատներիս, որ ականատես էինք եղել գնդակահարությանը և ողջ մնացել, matadero֊յից դեպի վեր տանող աստիճաններով քշեցին ավանի հրապարակը։ Համարյա բոլորը լաց էին լինում։ Բայց մի քանիսը համրացել էին, նրանց աչքերի արցունքը ցամաքել էր այն ամենից, ինչ տեսել էին։ Ես չէի կարողանում լաց լինել։ Չէի տեսնում, թե ինչ է կատարվում շուրջս, աչքերիս առաջ հայրս ու մայրս էին, նրանց գնդակահարում էին, և մայրս ասում էր․ «Կեցցե ամուսինս, որն այս ավանի պետն է եղել»։ Այդ ճիչը մնացել է հիշողությանս մեջ ու երբեք չի ջնջվում։ Մայրս հանրապետական չէր, դրա համար էլ «Viva la Republica» չասաց, այլ ասաց viva հայրս, որը երեսնիվայր ընկել էր մորս ոտքերի մոտ։

Բայց նա այդ խոսքերը շատ բարձրաձայն ասաց, համարյա գոռալով, և նրանք գնդակահարեցին նրան, ու նա ընկավ, ես փորձեցի պոկվել, գնալ մորս մոտ, բայց մենք կապոտած էինք։ Նրանց գնդակահարեցին guardia civil֊ները, հետո սպասեցին նոր խմբերի, իսկ ֆալանգիստները քշեցին մեզ վերև, դեպի հրապարակ, gvardia civil֊ները մնացին այնտեղ, հենված իրենց հրացաններին, պատի տակ ընկած դիակների մոտ։

Սպանվածների կանանց ու աղջիկներին ձեռք֊ձեռքի կապած, երկար շարանով քշեցին փողոցն ի վեր դեպի հրապարակ։ Վարսավիրանոցի առջև կանգ առան, քաղաքապետարանի դիմաց։

Երկու հոգի մոտեցան ու սկսեցին նայել մեզ։ «Սա ավանի պետի աղջիկն է», ― ասաց մեկը։ «Սկսենք դրանից», ― ասաց մյուսը։

Ձեռքներիս կապերը կտրեցին, մեկը կողքի ֆալանգիստներին ասաց, որ մյուսներին նորից կապեն, և երկուսով թևերիցս բռնեցին, տարան վարսավիրանոց, բարձրացրեցին, նստեցրին բազկաթոռին ու բռնած պահեցին այդտեղ։ Հայելու մեջ ես տեսա իմ դեմքը, տեսա այն երկուսինը, որոնք բռնած պահել էին ինձ, և էլի երեք հոգու, որ կանգնել էին թիկունքիս։ Ոչ մեկին չէի ճանաչում, ես հայելու մեջ տեսնում էի և՛ իմ, և՛ նրանց դեմքերը, իսկ նրանք տեսնում էին միայն ինձ։ Կարծես ատամնաբույժի բազկաթոռին նստած լինեի, իսկ շուրջս՝ բազմաթիվ ատամնաբույժներ, բոլորն էլ խելագար։ Ինքս ինձ դժվարությամբ կարողացա ճանաչել, որովհետև վշտից փոխվել էր դեմքս, և միայն, երկար նայելուց հետո ճանաչեցի ինձ։ Վիշտս այնքան մեծ էր, որ ոչ վախ էի զգում, ոչ էլ որևէ այլ բան, ոչինչ չէի զգում, վշտից բացի։

Այն ժամանակ հյուսքեր ունեի, և ահա հայելու մեջ տեսա, թե ինչպես նրանցից մեկը բարձրացրեց մի հյուսքս և այնպես քաշեց, որ վշտիս մեջ իսկ զգացի ցավը, հետո շատ խորքից ածելիով կտրեց։ Եվ ես տեսա ինձ՝ գլխիս միայն մի հյուսք, իսկ մյուսի տեղում՝ խոզան։ Հետո, այս անգամ առանց քաշելու, կտրեց մյուս հյուսքս և ածելիով կպավ ականջիս, ու տես արյունս։ Մատով շոշափիր՝ կզգաս սպին։

― Այո։ Բայց ավելի լավ չի՞ լինի, եթե չխոսես այդ մասին։

― Ոչինչ։ Ամենավատ բանի մասին չեմ խոսի։ Այդպես ուրեմն, նա կտրեց հյուսքերս ածելիով, մյուսները ծիծաղում էին, իսկ ես կտրված ականջիս ցավը չէի էլ զգում, հետո կանգնեց դիմացս ու սկսեց հյուսքերովս հարվածել դեմքիս, երկու հոգի բռնած պահում էին ինձ ու ասում՝ «Այսպես ենք անելու կարմիր միանձնուհիներին։ Հիմա իմացիր, թե ինչ է նշանակում պրոլետար եղբայրներին միանալ։ Կարմիր Քրիստոսի հարս»։

Եվ նա իմ հյուսքերով հարվածում էր ու հարվածում դեմքիս, հետո անցկացրեց ատամներիս արանքն ու ծայրերը տարավ իրար հանգուցեց ծոծրակիս վրա։ Իսկ այն երկուսը, որոնք բռնած պահում էին ինձ, ծիծաղում էին։

Եվ բոլոր նրանք, որ տեսնում էին այս ամենը, ծիծաղում էին, երբ հայելու մեջ ես տեսա, թե ինչպես են նրանք ծիծաղում, սկսեցի լաց լինել, մինչ այդ սառել֊մնացել էի, ծնողներիս գնդակահարությունն էր միայն աչքերիս առջև։

Հետո այն մեկը, որ մազերս հանգուցեց ծոծրակիս վրա, վերցրեց մեքենան ու տարավ գլխիս վրայով․ սկզբում ճակատից դեպի վիզս, հետո ականջներիս վրա, կողքերը, ամբողջ գլուխս, իսկ այն երկուսն այնպես էին բռնել ինձ, որ ես ամեն ինչ տեսնում էի հայելու մեջ, բայց աչքերիս չէի կարողանում հավատալ ու լալիս էի, լալիս և չէի կարողանում հայացքս հեռացնել իմ չռված ու հյուսքերով խցկված բերանից, սարսափելի դեմքից ու մեքենայի տակ լերկացող գլխից։

Երբ ինձ խուզողն իր գործը վերջացրեց, վարսավիրի պահարանի դարակից վերցրեց յոդի շիշը (վարսավիրին էլ էին գնդակահարել, որովհետև սինդիկատի անդամ էր եղել, դիակն ընկած էր դռան առաջ, ներս բերելիս ինձ նրա վրայով անցկացրեցին) և ապակյա խցանով ականջիս վերքին յոդ քսեց, վշտից ու սարսափից համարյա ոչինչ չզգացի, հազիվ մի թեթև ցավ։

Հետո կանգնեց դիմացս ու ճակատիս U. H. P.[113] գրեց, գրում էր դանդաղ, խնամքով, կարծես նկարիչ լիներ, ես այդ ամենը տեսնում էի հայելու մեջ, բայց արդեն չէի լալիս, սիրտս քարացել էր, աչքերիս առաջ հայրս ու մայրս էին, և այն, ինչ անում էին ինձ հետ, դատարկ բան էր թվում։

Երբ այդ ֆալանգիստը գրեց վերջացրեց, մի քայլ ետ գնաց և սկսեց ստուգել իր աշխատանքը, հետո յոդի շիշը ցած դրեց, վերցրեց մեքենան ու ասաց՝ «Հաջորդը», մյուսները թևերիցս ամուր բռնած ինձ դուրս բերեցին վարսավիրանոցից, դռան առաջ ոտքս կպավ վարսավիրին, որ դեռ այնտեղ էր, կռնակի վրա ընկած, դեմքը ջարդոտած։ Դուրս գալիս բախվեցի Կոնսեպսիոն Գրասիային, լավագույն ընկերուհուս, երկու հոգի նրան ներս էին բերում, սկզբում նա ինձ չճանաչեց, հետո, երբ ճանաչեց, ճչաց, և ես ամբողջ ճանապարհին լսում էին նրա ճիչը՝ հրապարակավ մինչև քաղաքապետարանի մուտքը հասնելիս, աստիճանների վրա, հորս գրասենյակում, որտեղ գցեցին ինձ բազմոցի վրա ու վատ բաներ արեցին։

― Նապաստակս, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և քնքշանքով գրկեց աղջկան։ Անսահման ատելությամբ էր լցված։ ― Դրա մասին այլևս մի՛ խոսիր։ Մի՛ խոսիր այլևս, որովհետև արդեն ուժ չունեմ ատելությանս դիմադրելու։

Աղջիկն անշարժ, սառած պառկել էր նրա գրկում, հետո ասաց․

― Այո։ Դրա մասին այլևս չեմ խոսի։ Բայց նրանք վատ մարդիկ են, ես էլ կուզեի վաղը քեզ հետ լինել ու անձամբ մի քանիսին սպանել։ Ես այս ամենը պատմեցի քո հպարտության համար, պատմեցի, որպեսզի դու հասկանաս և չամաչես, եթե քո կինը դառնամ։

― Լավ արեցիր, որ պատմեցիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Վաղը, եթե բախտներս բերեց, լավ կկոտորենք դրանց։

― Ֆալանգիստների՞ն։ Նրանք էին այդ անողները։

― Նրանք չեն կռվում, ― մռայլ ասաց նա։ ― Նրանք թիկունքում սպանություններ են անում։ Նրանց հետ մարտում չենք հանդիպի։

― Իսկ նրանց հնարավոր չէ՞ ոչ մի ձևով սպանել։ Այնպես եմ ուզում մի քանիսին սպանել։

― Ես սպանել եմ, ― ասաց նա։ ― Մենք դեռ էլի կսպանենք։ Գնացքների պայթեցման ժամանակ շատ ենք սպանել։

― Ա՛յ, եթե քեզ հետ գնացքներ պայթեցնելու գնայինք, ― ասաց Մարիան։ ― Այն գնացքի ժամանակ, երբ Պիլարն ինձ այստեղ բերեց, ես ոնց որ գիժ լինեի։ Պատմե՞լ է քեզ։

― Այո։ Կարիք չկա, մի՛ խոսիր այդ մասին։

― Գլուխս չէր աշխատում, լեզուս բռնվել էր, լալիս էի, ուրիշ ոչ մի բան չէի կարողանում անել։ Բայց ես մի բան էլ պետք է ասեմ քեզ։ Անպայման պետք է ասեմ։ Այս մեկը եթե իմանաս, թերևս չամուսնանաս ինձ հետ։ Բայց, Ռոբերտո, եթե չուզենաս ամուսնանալ, արդյոք հնարավոր չէ՞, որ գոնե այսպես միշտ միասին լինենք։

― Ես ամուսնանալու եմ քեզ հետ։

― Հա։ Տեսա՞ր, մոռացա։ Հավանաբար չես ամուսնանա։ Հնարավոր է, որ ես չկարողանամ քեզ ոչ տղա ծնել, ոչ էլ աղջիկ, որովհետև, ասում է Պիլարը, եթե կարողանայի, այն ժամանակ արդեն պետք է լիներ, երբ այդ բաներն արեցին։ Ես քեզ պետք է ասեի սա։ Չգիտեմ ինչպե՞ս էր եղել, որ մոռացել էի ասել։

― Դա կարևոր չէ, նապաստակ, ― ասաց նա։ ― Նախ, դա կարող է ճիշտ չլինել։ Բժիշկը պետք է ասի։ Հետո, ես ոչ տղա եմ ուզում ունենալ, ո՛չ էլ աղջիկ, քանի աշխարհն այսպիսին է։ Բացի այդ, ես իմ սերը ամբողջությամբ կկարողանամ տալ քեզ։

― Ես կուզենայի քեզ մի տղա ու մի աղջիկ ծնել, ― ասաց նա։ ― Իսկ ինչպե՞ս կարող է աշխարհն ավելի լավ լինել, եթե մենք երեխաներ չունենանք, մենք, որ կռվում ենք ֆաշիստների դեմ։

― Դո՜ւ, սիրելի՛ս, ― ասաց նա։ ― Ես սիրում եմ քեզ։ Լսո՞ւմ ես։ Իսկ հիմա, նապաստա՛կ, արի քնենք։ Ես պետք է դեռ լույսը չծագած վեր կենամ, իսկ այս ամսին շուտ է լուսանում։

― Ուրեմն այն վերջին բանը, որ ասացի, ոչի՞նչ։ Մենք կարո՞ղ ենք ամուսնանալ։

― Մենք հիմա էլ արդեն ամուսնացած ենք։ Դու իմ կինն ես։ Դե քնի՛ր, նապաստակս, քիչ ժամանակ է մնացել։

― Իսկապե՞ս ամուսնանալու ենք։ Հենց այնպես, խոսքի համար չես ասում, չէ՞։

― Իսկապես։

― Ուրեմն քնեմ, իսկ երբ արթնանամ, կմտածեմ դրա մասին։

― Ես էլ։

― Բարի գիշեր, ամուսի՛նս։

― Բարի գիշեր, ― ասաց նա։ ― Բարի գիշեր, կի՛նս։

Նա լսեց աղջկա հանդարտ ու համաչափ շնչառությունը և հասկացավ, որ նա արդեն քնել է, ինքն էլ զգույշ ու հանգիստ մեկնվեց քնելու, ջանաց ավելորդ շարժումներ չանել, որպեսզի չզարթնեցնի նրան։ Մտածում էր այն ամենի մասին, որն աղջիկը չէր պատմել իրեն, ատելությունն ուտում էր նրան, ուրախանում էր, որ վաղն առավոտյան կռիվ է լինելու, սպանություն։ Բայց անձնական ապրումներով պետք չէ ղեկավարվել, մտածեց նա։ Բայց ինչպե՞ս կարող եմ։ Այո, գիտեմ, մենք էլ նրանց ենք սարսափելի բաներ արել։ Բայց մենք անկիրթ էինք, չգիտեինք ինչպես վարվել, դրա համար ենք արել։ Իսկ նրանք արել են գիտակցաբար, ծրագրված ձևով։ Նրանք՝ այս երկրի ամենակրթյալ ու ծաղկուն ընտրանին։ Իսպանական ասպետականության ծաղիկը։ Այս ի՜նչ ժողովուրդ է։ Այս ի՜նչ շան ծնունդներ են՝ սկսած Կորտեսից, Պիսարոյից ու Մենդենես դե Ավիլայից մինչ այս Պաբլոն։ Եվ ինչ զարմանալի ժողովուրդ է։ Աշխարհում սրանից լավ ու սրանից վատ ժողովուրդ չկա։ Չկա ավելի բարի ու ավելի դաժան ժողովուրդ։ Ո՞վ կարող է հասկանալ սրանց։ Ես չեմ կարող, որովհետև, եթե հասկանամ, պիտի ներեմ։ Հասկանալը ներել է։ Չէ, դա ճիշտ չի լինի։ Դա կլինի չափազանցված պատկերացում։ Ներումը քրիստոնեական գաղափար է, իսկ Իսպանիան երբեք քրիստոնեական երկիր չի եղել։ Միշտ էլ կուռքն է եղել այնտեղ պաշտամունքի առարկան, և նրանք եկեղեցում երկրպագել են նրան։ Otra virgen mas:[114] Երևի դրա համար են կործանում իրենց թշնամիների կույսերին։ Այդ զգացումը, ինչ խոսք, ավելի խոր ձևով է արտահայտված մոլեռանդ կրոնականների մոտ, քան ժողովրդի։ Ժողովուրդը ժամանակի ընթացքում հետզհետե հեռացել է եկեղեցուց, որովհետև եկեղեցին ձուլվել է պետության հետ, իսկ պետությունը միշտ էլ գարշելի է եղել։ Սա միակ երկիրն է, ուր ռեֆորմացիան չկարողացավ մուտք գործել։ Եվ հիմա հատուցում են, ահա, ինկվիզիցիայի համար։

Այո, մտածելու բան է։ Կարող ես դրանով ուղեղդ զբաղեցնել, որպեսզի մի պահ մոռանաս գործդ։ Եվ երևի սա ավելի օգտակար է, քան անրջելը։ Աստված իմ, այդ ինչքա՜ն անուրջներ հյուսեցի այս գիշեր։ Պիլարն էլ է ողջ օրն անրջել։ Հավանաբար։ Իսկ եթե վաղը մեռնե՞ն։ Է, ի՞նչ նշանակություն ունի, կարևորն այն է, որ կամուրջը պայթեցնեն ինչպես հարկն է։ Դա է իրենցից պահանջվում։

Չունի։ Նշանակություն չունի։ Հետո ինչքա՞ն կարելի է այսպիսի գործեր անել։ Ինչ֊որ սահման լինելու է, չէ՞։ Հավերժ չես ապրելու։ Գուցե ես իմ ամբողջ կյանքը այս երեք օրում ապրեցի, մտածեց նա։ Եթե այդպես է, պիտի ուզենայի, որ այս վերջին գիշերն ուրիշ ձևով անցներ։ Բայց վերջին գիշերները երբեք էլ լավ չեն լինում։ Ոչ մի վերջին բան լավ չի լինում։ Չէ, եղել են վերջին լավ խոսքերը «Viva ամուսինս, որ այս ավանի պետն է եղել»։ Լավ է։

Լավ էր, որովհետև զգաց, թե ինչպես ամբողջ մարմնով սարսուռ անցավ, երբ մտքում կրկնեց այդ բառերը։ Կռացավ ու համբուրեց Մարիային, որը չարթնացավ։ Շատ մեղմ շշնջաց անգլերեն․

― Ես հաճույքով կամուսանանամ հետդ, նապաստակ։ Ես հպարտանում եմ քո ընտանիքով։

Գլուխ երեսուներկուերորդ

Այդ գիշեր Մադրիդի Գեյլորդ հյուրանոցում մեծ բազմություն կար։ Կապույտ ներկված ցոլարձակներով մի մեքենա մոտեցավ հյուրանոցի դարպասին։ Մեքենայից դուրս եկավ փոքրամարմին մի մարդ՝ հագին հեծյալի սև սապոգներ, գորշ բրիջ, կարճ ու մինչև օձիքը կոճկած գորշ կիտել, նա պատասխանեց պահակների բարևին, գլխով արեց բարապանի սեղանիկի ետևը նստած գաղտնի ոստիկանին և մտավ վերելակ։ Մարմարապատ նախասրահում նստած երկու պահակները ևս մի թեթև հայացք միայն գցեցին իրենց առջևով վերելակ մտնող փոքրամարմին մարդու վրա։ Հյուրանոց եկող յուրաքանչյուր անծանոթ մարդու նրանք ստուգում էին, շոշափում էին գրպանները, կողքերը, թևատակերն ու ծոցագրպանները, դա նրանց պարտականությունն էր, եթե այցելուները զենք էին ունենում, պարտավոր էին հանձնել բարապանին և նոր միայն բարձրանալ։ Բայց սև սապոգներով կարճահասակ մարդուն նրանք ճանաչում էին և միայն մի հայացք գցեցին նրան, երբ անցնում էր իրենց կողքով։

Հյուրանոցի իր համարում նա հանդիպեց մի մեծ բազմության։ Մարդիկ նստած ու կանգնած խոսում էին իրար հետ ինչպես սալոններում, տղամարդ թե կին խմում էին, խմում էին վոդկա, սոդայով վիսկի, գարեջուր, որ մեծ սափորներից լցնում էին փոքրիկ գավաթների մեջ։ Տղամարդկանցից չորսը համազգեստով էին։ Մյուսները մոմլաթե ու կաշվե բաճկոններ էին հագել, կանանցից երեքը սովորական շրջազգեստներով էին, չորրորդը՝ թուխ ու հիվանդագին նիհարությամբ մի կին, կրում էր միլիցիայի անպաճույճ համազգեստ, փեշ ու սապոգներ։

Կարկովը մտավ սենյակ և առաջին հերթին մոտեցավ համազգեստով կնոջը, խոնարհվեց և սեղմեց ձեռքը։ Իր կինն էր, նրա ականջին ռուսերեն ինչ֊որ բան ասաց, որը ոչ ոք չլսեց և, մի պահ, աչքերի անպատկառ արտահայտությունը, որ երևում էր սենյակ մտնելիս, չքացավ։ Այդ արտահայտությունը վերստին հայտնվեց, երբ տեսավ շիկահեր, ալարկոտ ու սիրուն դեմքով բարեկազմ աղջկան ու փոքրիկ, հատու քայլերով մոտեցավ նրան և այնպիսի ձևով խոնարհվեց ու սեղմեց ձեռքը, որ հազիվ թե մեկնումեկն ասեր, թե դա քիչ առաջ կնոջը ողջունելու տնազը չէ։ Կինը ուշադրություն չդարձրեց, թե ամուսինն ուր գնաց, և հիմա կանգնած իսպանացի բարձրահասակ ու գեղեցկատես մի սպայի հետ զրուցում էր ռուսերեն։

― Սերդ ինչ֊որ սկսել է գիրանալ, ― ասում էր Կարկովն աղջկան։ ― Մեր հերոսները, գրեթե բոլորը, այս մի տարում գիրացել են։ ― Նա չէր նայում այն մարդու կողմը, որին նկատի ուներ այս խոսքերն ասելիս։

― Դու այնքան այլանդակ ես, որ կարող ես դոդոշին էլ խանդել, ― ուրախ֊ուրախ ասաց աղջիկը։ Նա գերմաներեն էր խոսում։ ― Դու ինձ հետդ կտանե՞ս վաղը հարձակումը տեսնելու։

― Ո՛չ։ Ոչ մի հարձակում էլ չի լինելու։

― Բոլորն էլ գիտեն, որ լինելու է, ― ասաց աղջիկը։ ― Ի՞նչ կարիք կա խորհրդավորությունների։ Դոլորեսը գնալու է։ Ես կամ նրա հետ կգնամ, կամ Կարմենի։ Այնքա՜ն մարդ է գնում։

― Ով կտանի, նրա հետ էլ գնա, ― ասաց Կարկովը։ ― Ես չեմ տանի։ ― Հետո դարձավ աղջկան ու արդեն լրջացած հարցրեց․ ― Ո՞վ ասաց քեզ։ Ճիշտն ասա։

― Ռիխարդը, ― լրջորեն պատասխանեց աղջիկը։

Կարովը թափ տվեց ուսերն ու հեռացավ։

― Կարկով, ― փորն ընկած ձայնով կանչեց միջահասակ, գորշ խոժոռ դեմքով, թուլակախ թշերով, աչքերի տակն ուռած և ներքևի շրթունքը կախված մի տղամարդ։ ― Հաճելի նորություն լսե՞լ ես։

Կարկովը մոտեցավ նրան։

― Հենց նոր իմացա, ― ասաց տղամարդը։ ― Հազիվ մի տասը րոպե կլինի։ Հրաշալի է։ Սեգովիայի մերձակայքում ֆաշիստներն ամբողջ օրը իրար դեմ են կռվել։ Ապստամբների դեմ ստիպված են եղել ավտոմատ ու գնդացիր գործածել։ Կեսօրից հետո ինքնաթիռներն սկսել են իրենք իրենց զորքերին ռմբակոծել։

― Իսկապե՞ս, ― հարցրեց Կարկովը։

― Հաստատ բան է, ― ասաց աչքերի տակն ուռած տղամարդը։ ― Դոլորեսն ինքը անձամբ բերեց այդ լուրը։ Այստեղ էր, այնպես էր ոգևորված, ես նրան երբեք այդպես չէի տեսել։ Ամբողջ դեմքը լույսերի մեջ էր։ Այդ վսեմ դեմքը․․․ ― ուրախ ասաց նա։

― Այդ վսեմ դեմքը, ― ասաց Կարկովը՝ ձայնի առանց որևիցե երանգի։

― Եթե լսեիր նրան, ― ասաց ուռած աչքերով մարդը։ ― Լուրերը շողարձակում էին նրա դեմքից, դա երկրային երևույթ չէր։ Բավական էր լսեիր, որպեսզի համոզվեիր ասածի ճշմարտությանը։ Հոդված եմ գրելու «Իզվեստիայի» համար։ Այս պատերազմի ընթացքում սա իմ ապրած ամենաուժեղ պահերից մեկն էր՝ ես լսում էի վսեմ ձայն, որի մեջ միահյուսվել էին գութը, կարեկցանքն ու ճշմարտությունը։ Բարությունն ու ճշմարտությունն այնպես էին շողարձակում նրանից, ինչպես իսկական ժողովրդական սրբից։ Իզուր չեն նրան La Pasionaria[115] անվանել։

― Այդ վսեմ ձայնը, ― ասաց Կարկովը։ ― Այդ վսեմ դեմքը։ Գրեցե՛ք, ― ասաց։ ― Մի՛ պատմեք։ Կարիք չկա ամբողջ պարբերություններ իմ վրա վատնելու։ Հենց հիմա վեր կացեք, գնացե՛ք ու գրեցե՛ք։

― Ինչո՞ւ հենց հիմա։

― Ինձ թվում է, որ ճիշտը դա է, ― ասաց Կարկովը և նայեց նրան, հետո շրջվեց։

Ուռած աչքերով մարդը մի քանի րոպե ևս վոդկայի բաժակը ձեռքին կանգնած մնաց այնտեղ՝ կլանված այն գեղեցկությամբ, որ տեսել ու լսել էր, հետո դուրս եկավ սենյակից ու գնաց գրելու։

Կարկովը մոտեցավ կարճահասակ, պնդակազմ, զվարթ դեմքով, բաց կապույտ աչքերով, նոսրացող խարտյաշ մազերով ու դեղնավուն բեղերի տակ ժպտացող բերանով շուրջ քառասունութամյա մի տղամարդու։ Նա համազգեստով էր։ Դիվիզիայի հրամանատար էր։ Դիվիզիայի հրամանատար էր, հունգարացի։

― Այստե՞ղ եք եղել, երբ Դոլորեսն եկել է, ― հարցրեց Կարկովը նրան։

― Այո։

― Այդ ի՞նչ պատմություն է։

― Իբր թե ֆաշիստներն իրար են խփել։ Հիանալի է, եթե ճիշտ է։

― Շատ են խոսում վաղվա մասին։

― Խայտառակություն է։ Բոլոր ժուռնալիստներին պետք է գնդակահարել, դրանց հետ և այստեղ հավաքվածների մեծ մասին, առաջինը այդ կեղտոտ, խառնակիչ գերմանացուն՝ Ռիխարդին։ Իսկ ով այդ տոնավաճառի խեղկատակին բրիգադ է վստահել, պիտի գնդակահարել առանց որևէ խոսքի։ Թերևս ինձ ու ձեզ էլ պետք է գնդակահարել։ Թերևս, ― ծիծաղեց գեներալը։ ― Համենայն դեպս այդ առաջարկությունը մի՛ արեք։

― Նման բաների մասին ես առհասարակ չեմ սիրում խոսել, ― ասաց Կարկովը։ ― Հիշո՞ւմ ես ամերիկացուն, որը մեկ֊մեկ գալիս էր այստեղ։ Ճանաչում եք, Ջորդանը, պարտիզանների հետ է գործում։ Նա հիմա այնտեղ է, հենց այնտեղ, որտեղ այդ պատմություններն են իբր տեղի ունեցել։

― Եթե այդպես է, ուրեմն այս գիշեր նա զեկուցագիր կուղարկի, ― ասաց գեներալը։ ― Ինձ ներքևում այնքան էլ չեն սիրում, թե չէ կգնայի կիմանայի ձեզ համար։ Կարծեմ նա հիմա Գոլցի հետ է աշխատում, չէ՞։ Դուք վաղը Գոլցին կտեսնեք։

― Այո, առավոտ շուտ։

― Մինչև գործերը կարգի չընկնեն, աչքին չերևաք, ― ասաց գեներալը։ ― Նա էլ ինձ նման տանել չի կարող ձեզ՝ գարշելիներիդ։ Բայց նա ավելի մեղմ մարդ է։

― Բայց դուք սրա մասին․․․

― Երևի ֆաշիստները ինչ֊որ զորավարժեր էր կատարել, ― քմծիծաղեց գեներալը։ ― Ա՛յ, վաղը կտեսնենք, թե ինչպես է Գոլցը նրանց լավ զորաշարժեցինք։

― Լսել եմ, որ դուք ևս պատրաստվում եք ճանապարհորդության, ― ասաց Կարկովը՝ ժպտալիս ցույց տալով փչացած ատամները։ Գեներալը զայրացած պոռթկաց․

― Ես ևս։ Հիմա էլ ինձ են գցում բերանները։ Ոչ մեկիս պրծում չկա։ Բամբասանքի բույն։ Եթե թեկուզ մի հոգի գտնվեր, որը կարողանար փակ պահել բերանը, այս երկիրը կփրկվեր, միայն թե այդ մի հոգին հավատար դրան։

― Ձեր ընկերը՝ Պրիետոն, կարողանում է բերանը փակ պահել։

― Նա էլ հաղթանակին չի հավատում։ Ո՞նց հաղթես, եթե չես հավատում ժողովրդին։

― Դա արդեն ինքներդ որոշեք, ― ասաց Կարկովը։ ― Ես գնամ մի քիչ քնեմ։

Նա դուրս եկավ ծխով ու բամբասանքով լցված սենյակից և գնաց ննջարան, նստեց անկողնու վրա ու քաշեց, ոտներից հանեց սապոգները։ Հավաքվածների ձայնը հասնում էր ննջարան, վեր կացավ, դուռը փակեց ու բացեց լուսամուտը։ Շորերը չհանեց, որովհետև ժամը երկուսին վեր էր կենալու և Կոլմենարի, Սերսեդայի ու Նավասեռադայի վրայով գնալու էր ռազմաճակատ, որտեղ լուսաբացին Գոլցն սկսելու էր հարձակումը։

Գլուխ երեսուներեքերորդ

Առավոտյան ժամը երկուսն էր, որ Պիլարն արթնացրեց նրան։ Ձեռքով կամաց խփեց ուսին, Ռոբերտ Ջորդանին սկզբում թվաց, թե Մարիան է, գլորվեց աղջկա կողմն ու «նապաստակս» ասաց։ Հետո, երբ կնոջ խոշոր ձեռքը թափ տվեց ուսը, վեր թռավ և արդեն բոլորովին սթափ, ձեռքը տարավ մերկ սրունքի կողքին ընկած ատրճանակին։ Այնպես էր ձգված, կարծես հենց ինքը կրակելու պատրաստ զենք լիներ։

Մութ էր, բայց ճանաչեց Պիլարին, նայեց թևին կապած ժամացույցի փոսփորափայլ սլաքին և երբ տեսավ, որ ժամը ընդամենը երկուսն է, հարցրեց․

― Ի՞նչ է պատահել, կի՛ն։

― Պաբլոն գնացել է, ― ասաց նա։

Ռոբերտ Ջորդանը հագավ շալվարն ու կոշիկները։ Մարիան չէր արթնացել։

― Ե՞րբ, ― հարցրեց։

― Մի ժամ կլինի։

― Եվ ի՞նչ։

― Քո իրերից ինչ֊որ բան է հետը տարել, ― խեղճացած ասաց կինը։

― Այդպես։ Ի՞նչ։

― Չգիտեմ, ― ասաց կինը։ ― Արի տե՛ս։

Մթության մեջ նրանք շարժվեցին դեպի քարայրի մուտքը, քաշեցին տապճակն ու ներս գնացին։ Շնչելով մոխրի ու քնած մարդկանց հոտով ծանրացած օդը, Ռոբերտ Ջորդանը քայլում էր Պիլարի ետևից՝ էլեկտրական լապտերիկով լուսավորելով առաջը, որպեսզի ոտքը չառնի հատակին պառկած մարդկանց։ Անսելմոն արթնացավ ու հարցրեց․

― Ժամանա՞կն է։

― Ոչ, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը։ ― Քնի՛ր, ծերուկ։

Ուսապարկերը Պիլարի անկողնու գլխավերևում էին, քարայրի այդ հատվածը տապճակով բաժանված էր մնացյալներից։ Երբ Ռոբերտ Ջորդանը չոքեց անկողնու վրա, որպեսզի լապտերիկով լուսավորի ուսապարկերը, զգաց այն հեղձուցիչ, սիրտ խառնող չորացած քրտնքի հոտը, որ փչում էր հնդկացիների անկողիններից։ Երկու ուսապարկերն էլ վերևից ներքև ճղված էին դանակով։ Ձախ ձեռքով լապտերը բռնած՝ Ռոբերտ Ջորդանն աջով սկսեց ստուգել առաջին ուսապարկը։ Դրա մեջ ննջապարկն էր դնում, դրա համար էլ կիսով էր լցված։ Պայթուցիչի փայտյա արկղը չկար։ Չկային նաև սիգարի տուփի մեջ խնամքով փաթեթավորված դետոնատորները։ Անհետացել էր բեկֆորդյան քուղն ու կապսուլներ պարունակող թիթեղյա տուփը։ Մի քիչ մետաղալար էր միայն մնացել։

Ռոբերտ Ջորդանն ստուգեց մյուս ուսապարկը։ Պայթուցիկները տեղն էին։ Մի փաթեթ թերևս հանված լիներ։

Վեր կացավ և նայեց կնոջը։ Երբ առավոտյան շատ կանուխ գալիս են ու արթնացնում, մարդ մի ճնշող դատարկություն է զգում, ինչ֊որ վերահաս աղետի սարսափ։ Այդպիսի զգացողություն էր համակել հիմա Ռոբերտ Ջորդանին, բայց սովորականից ավելի ուժգին։

― Սա էր, հա՞, հսկելդ, ― ասաց նա։

― Գլխիս տակ էի դրել, ձեռքս էլ վրան էի պահել ու այդպես քնել, ― ասաց Պիլարը։

― Լավ ես քնել։

― Լսիր թե ոնց է եղել, ― ասաց կինը։ ― Գիշերը վեր կացավ, հարցրեցի՝ «Այդ ո՞ւր, Պաբլո», ասաց՝ «Միզելու», շրջվեցի ու քնեցի։ Արթնացա, տեսա դեռ չի եկել, մտածեցի ձիերին նայելու է գնացել, սովորաբար այդպես էր լինում։ Հետո, ― խեղճացած ձայնով ավարտեց նա, ― երբ տեսա, որ չի գալիս, սկսեցի անհանգստանալ, ձեռքս գցեցի ուսապարկերին, որպեսզի համոզվեմ տեղում են թե ոչ, տեսա ճղված են, վեր կացա ու եկա մոտդ։

― Գնանք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Դուրս եկան։ Խոր գիշեր էր, լուսաբացի ոչ մի նշան չկար տակավին։

― Կարո՞ղ էր ձիով առանց պահակակետերի մոտից անցնելու գնալ։

― Այո՛, երկու այդպիսի տեղ կա։

― Վերևում ո՞վ է կանգնած։

― Էլադիոն։

Մինչև մարգագետին՝ ձիերի մոտ հասնելը, նա այլևս ոչինչ չասաց։ Երեք ձի արածում էին մարգագետնում։ Աշխետն ու մոխրագույնը չկային։

― Ի՞նչ ես կարծում, ինչքա՞ն ժամանակ կլինի, որ գնացել է մոտիցդ։

― Երևի մի ժամ։

― Դե էլ ի՞նչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Գնամ վերցնեմ, ինչ մնացել է ուսապարկերում ու մի քիչ էլ քնեմ։

― Ես կպահեմ։

― Que va, կպահե՜ս։ Արդեն մի անգամ պահեցիր։

― Ingles, ― ասաց կինը։ ― Ես քեզանից պակաս չեմ տանջվում դրա համար։ Ամեն ինչ կանեի, որպեսզի ետ բերեի իրերդ։ Կարիք չկա ինձ վիրավորելու։ Պաբլոն երկուսիս է դավաճանել։

Այս խոսքի վրա Ռոբերտ Ջորդանն հասկացավ, որ զայրանալն ավելորդ շքեղություն է, որ իրավունք չունի այդ կնոջ հետ գժտվելու։ Նրա հետ է գործելու այս ամբողջ օրը, որից առայժմ երկու ժամ է անցել։

Նա ձեռքը դրեց կնոջ ուսին։

― Ոչինչ, Պիլար, ― ասաց։ ― Տարածն այնքան էլ կարևոր չէ։ Մի բան կմտածենք, ամեն ինչ լավ կլինի։

― Բայց ի՞նչ է տարել։

― Ոչինչ, կին։ Որոշ շքեղություններ։

― Պայթեցման մեխանիզմի մասե՞ր էլ է տարել։

― Տարել է։ Բայց ուրիշ ձևով էլ կարելի է պայթեցնել։ Լսի՛ր, Պաբլոն բեկֆորդյան քուղ ու կապսուլ չունե՞ր։ Նրան պետք է տված լինեն։

― Տարել է, ― ասաց կինը խղճակի ձայնով։ ― Ես տեղնուտեղը ստուգեցի։ Դրանք էլ է տարել։

Անտառի միջով նորից քայլեցին դեպի քարայրի մուտքը։

― Գնա քնի՛ր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Առանց Պաբլոյի ավելի հանգիստ կլինի։

― Ես գնամ Էլադիոյին տեսնեմ։

― Նա ուրիշ ճանապարհով գնացած կլինի։

― Միևնույն է, պիտի գնամ։ Այս դավաճանության համար ես եմ մեղավոր։ Ո՞նց միամտացա։

― Ավելորդ խոսքեր են, ― ասաց նա։ ― Գնա քնի՛ր։ Ժամը չորսին պետք է ճանապարհ ընկնենք։

Կնոջ հետ մտավ քարայր, ուսապարկերը գիրկն առավ, որպեսզի պատռվածքներից իրերը չթափվեն, և դուրս եկավ։

― Թող կարեմ։

― Ճանապարհ ընկնելուց առաջ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը ցածրաձայն։ ― Մոտս եմ վերցնում, որպեսզի հանգիստ քնեմ, չմտածես, թե չեմ վստահում։

― Դե մի քիչ շուտ կտաս, որպեսզի կարեմ։

― Շուտ կտամ, ― ասաց կնոջը։ ― Գնա քնի՛ր, Պիլար։

― Չէ, ― ասաց։ ― Ես ձախողեցի և՛ քո գործը, և՛ Հանրապետության։

― Գնա՛ քնի՛ր, Պիլար, ― ասաց մեղմ ձայնով։ ― Գան՛ քնի՛ր։

Գլուխ երեսունչորսերորդ

Բարձունքները ֆաշիստների ձեռքին էին։ Հովիտը հիմնականում ազատ գոտի էր, եթե չհաշվենք ագարակի կից կառույցներում ու ամրացված մարագում տեղավորված ֆաշիստական պահակակետը։ Ռոբերտ Ջորդանի զեկուցագիրը Գոլցին տանելու ճանապարհին Անդրեսը երկար պտույտ կատարեց, որպեսզի շրջանցի այդ պահակակետը։ Նա հիշում էր, որ այդ մասերում լար է քաշված, և ծայրը կապված է գնդացրի ձգանին, մթության մեջ նա գտավ լարը, թռավ վրայով և քամուց խշխշացող բարդիներով եզերված գետակի ափով շարունակեց ճանապարհը։ Ագարակում մի աքլոր կանչեց, առանց կանգ առնելու նա ետ նայեց և բարդիների բների արանքով տեսավ ծայրամասի պատուհաններից մեկում երևացող լույսը։ Խաղաղ, պայծառ գիշեր էր, Անդրեսը թեքվեց և գնաց մարգագետնի միջով։

Անցյալ տարվա հուլիսից, երբ այստեղ մարտեր էին մղվում, մարգագետնում խոտի չորս դեզ էր մնացել։ Ոչ ոք ձեռք չէր տվել դեզերին, տարվա չորս եղանակներն անցել էին նրանց վրայով ու նստեցրել, փտեցրել էին։

Երկու դեզի արանքում ձգված լարի վրայից անցնելիս, Անդրեսը մտածեց, որ ափսոս է խոտը։ Հանրապետականները կարող էին մարգագետնի մյուս ծայրին գտնվող Գվադառամայի սարալանջով այն քաշել տանել, իսկ ֆաշիստները, կարծում եմ, դրա կարիքը չունեն։

Նրանք խո՛տ էլ ունեն, ցորեն էլ։ Ինչքան ասես։ Ամեն ինչ էլ ունեն, մտածեց նա։ Բայց ոչինչ, առավոտյան կհասցնենք դրանց։ Առավոտյան Սորդոյի մուռը կհանենք։ Բարբարոսնե՛ր։ Սպասե՛ք, առավոտյան այնպես բարձրացնենք ձեր փոշին։

Ուզում էր զեկուցագիրը շուտ տեղ հասցնել ու վերադառնալ, որպեսզի կարողանար մասնակցել կամրջի կռվին։ Բայց իսկապե՞ս ուզում էր վերադառնալ, թե՞ ձևացնում էր, որ ուզում է։ Նա հիշեց, թե ինչպիսի թեթևության զգացմունքով համակվեց, երբ Ingles֊ն հանձնարարեց այդ նամակը տեղ հասցնել։ Մինչև այդ պահը առավոտվա հեռանկարը չէր անհանգստացրել։ Գործ էր, պիտի արվեր։ Նա կողմ էր քվեարկել և պատրաստ էր կռվելու։ Սորդոյի խմբի ոչնչացումը ահավոր ձևով ազդել էր վրան։ Բայց վերջին հաշվով կործանվողը Սորդոն էր։ Իրենք չէին։ Իսկ իրենք իրենցը կանեն։

Երբ Ingles֊ն իրեն հանձնարարեց նամակը տանել, նույն այն զգացողությունն ունեցավ, ինչ մանկության տարիներին ունենում էր գյուղում, երբ տոն օրերին առավոտյան արթնանում էր և լսում էր անձրևի տարափը, դա նշանակում էր, որ գետինը թաց է և հրապարակում ցլերի հետապնդումը չի կայանա։

Մանուկ հասակից սիրել էր ցլերի հետապնդումը, միշտ սպասել էր այն պահին, երբ վազելով կգա արևի տակ այրվող, փոշոտ, երեք կողմից շրջափակված հրապարակն ու կտեսնի, թե ինչպես են վանդակից բաց թողնում ցուլը, որը դուրս է գալիս, սայթաքում է, փորձում է կանգուն մնալ։ Հուզմունքով, հիացմունքով ու քրտնածոր սարսափով էր միշտ սպասում այն պահին, երբ սայթաքող ցլի եղջյուրները կբախվեն վանդակի տախտակե ճաղերին, երբ կենդանին, չորս ոտքերն ամուր սեղմած գետնին, կկանգնի՝ վիզը ձգած, գլուխը բարձր, ռունգերը լայնացած, ականջները թրթիռով բռնված, սև մորթին փոշոտված, չորացած թրիքը կպած կողերին, հեռանիստ աչքերն անթարթ, լայնաբաց եղջյուրները ողորկ, կարծր, պսպղուն, ինչպես ավազից հղկված փայտը ծովափին և այնպես սուրսայր, որ տեսքն իսկ բավական է, որպեսզի սիրտդ կանգ առնի։

Ամբողջ տարին նա սպասում էր այն պահին, երբ ցուլը դուրս էր գալու հրապարակ, հավաքվածների միջից աչքերով որոնելու էր թիրախը և, հանկարծ, գլուխը ցած գցած, եղջյուրներն առաջ մղած, արագ, կատվացատկերով նետվելու էր մարդկանց վրա, նետվելու էր և սիրտդ կանգ էր առնելու։ Մանուկ հասակից նա կլոր տարին սպասել էր այդ պահին։ Բայց այն զգացողությունը, որ համակեց նրան նամակը տանելու մասին Ingles֊ի հանձնարարությունը լսելիս, նման էր այն մեկին, երբ արթնանում էր ու թեթևացած լսում տանիքի կղմինդրներին, որմնաքարերին, գյուղի հրապարակի հողե հատակի ջրափոսերի մեջ թափվող անձրևի ձայնը։

Գյուղական capea֊ների ժամանակ նա միշտ էլ քաջաբար էր դիմավորել ցուլին, նույնքան քաջաբար, ինչքան որևէ մեկը իրենց կամ մոտակա գյուղերում, և ոչ մի անգամ, ոչ մի գնով իրենց գյուղի capea֊ները բաց չէր թողել, հարևան գյուղերը չէր գնում։ Նա կարող էր հանգիստ կանգնել ու սպասել ցուլի ոստյունին և միայն վերջին վայրկյանին մի կողմ ցատկել։ Վերցնում էր մի պարկ ու խաղացնում ցուլի մռութի առաջ, որպեսզի նրա ուշադրությունը շեղի գետին ընկած մարդուց, քանի֊քանի անգամ է ցուլի եղջյուրներից բռնել ու խանգարել կոտոշահարելու ընկածին, եղջյուրներից բռնել ու ձգել է, այնքան է խփել, այնքան է քացով մռութին հասցրել, որ ցուլը թողել է ընկածին, որպեսզի մեկ ուրիշի վրա հարձակվի։ Կամ էլ պոչից էր բռնում ու ձգում, որպեսզի հեռու քաշի ընկածից, ամբողջ ուժով ձգում էր, հետն էլ ոլորում։ Մի անգամ էլ պոչը փաթաթել էր մի ձեռքին, մյուսով էլ եղջյուրն էր բռնել, և երբ ցուլը շուռ էր եկել, որպեսզի իր վրա նետվի, սկսել էր նրա հետ, պոչն ու եղջյուրը բռնած, պտույտ գալ, մինչև որ մարդիկ վրա էին թափվել ու դանակահարել էին կենդանուն։ Փոշոտ, շոգ, մարդկանց, ցուլի և գինու հոտով բռնված այդ հրապարակում, գոռգոռոցով վրա թափվող ամբոխի մեջ նա միշտ առաջիններից մեկն էր իրեն ցուլի վրա գցում։ Հիմա էլ տակավին չի ջնջվել այն զգացողությունը, որն ունենում էր այն օրերին, երբ հեծում էր ցուլի վզակոթին և նա դես էր գցվում, դեն էր զարկվում, իսկ ինքը՝ արմունկը դեմ առած եղջյուրի հիմքին, մյուս ձեռքով երկրորդ եղջյուրն ամուր բռնած, գալարվում էր, շուռումուռ գալիս, և մինչ թվում էր ուր որ է ձախ թևը դուրս կընկնի հոդախաղից՝ հեծեծ տաք, փոշոտ, ստևոտ, ցնցվող մկանի թմբիկին, ատամներով կառչած կենդանու ականջին, մխրճում էր դանակը պրկված վզակոթի մեջ, մխրճում էր նորից, նորից, տաք արյունը ողողում էր դաստակը, և ինքն ամբողջ ծանրությամբ ընկնում էր ցուլի վզակոթի վրա և նորից ու դարձյալ մխրճում դանակը։

Երբ առաջին անգամ այդպես ատամներով կառչեց ականջից և ծնոտն ու վիզը պրկած անշարժ մնաց, սկսեցին գյուղով մեկ ձեռ առնել։ Ճիշտ է, ձեռ էին առնում, բայց և հարգում էին։ Հետագայում ամեն տարի կրկնում էր այդ գործողությունը։ Ցուլի ականջը կծելու համար անունը դրեցին Վիլլակոնեխոսի բուլդոգ։ Բայց ամբողջ գյուղով սպասում էին դարձյալ ու դարձյալ ականատես լինելու դրան, իսկ ինքն արդեն անգիր գիտեր, թե ինչպես կլինի՝ նախ ցուլը դուրս կգա հրապարակ, հետո կնետվի որևէ մեկի վրա և երբ ամեն մի կողմից թափվեն կենդանուն սպանելու, ինքը կթռչի֊կնստի ցուլի մեջքին։ Հետո, երբ ամեն ինչ վերջանա և դանակահարողների ծանրության տակ կենդանին վերջին շունչը փչի, ինքը վեր կկենա ու կքայլի՝ մի քիչ ամաչելով, որ նորից կծեց ցուլի ականջը, բայց ավելի շատ հպարտ, տղամարդ մարդ զգալով իրեն։ Եվ կգնա սայլերի արանքներով՝ քառակուռ աղբյուրի ջրով ձեռքերը լվանալու, և մարդիկ կթփթփացնեն թիկունքին, գինու տիկերը կմեկնեն իրեն ու կասեն՝ «Ուռա՜ Բուլդո՛գ։ Աստված քո մորը երկար կյանք տա»։ Կամ էլ կասեն՝ «Ա՛յ թե ինչ է նշանակում ջուխտ cojones ունենալ։ Տարի չկա, որ չանի»։

Այդ պահերին նեղվում էր, ամաչում, ինչ֊որ դատարկության զգացումով համակվում, միաժամանակ նաև հպարտ ու երջանիկ էր զգում իրեն, սակայն ուզում էր ազատվել շրջապատողներից ու գնալ լվանալ ձեռքերը, ամբողջ աջ թևը, դանակը, հետո վերցնել գինու տիկն ու ողողել բերանը և մի տարով էլ մոռացության տալ ցուլի ականջի համը, և ողողում էր բերանը ու թքում հրապարակի սալերին, հետո բարձրացնում էր տիկն ու կլկլացնելով ուղիղ կոկորդն էր լցնում գինին։

Այո՛, Վիլլակոնեխոսի բուլդոգը ոչ մի գնով չէր հրաժարվի գյուղի capea֊ից։ Բայց և այնպես շատ հաճելի զգացողություն է, երբ առավոտյան արթնանում ես, լսում անձրևի ձայնը և հասկանում, որ այդ օրը գյուղում capea չի լինի։

Բայց ես պետք է վերադառնամ։ Ինչ ուզում է լինի, ես պետք է վերադառնամ ու հասնեմ կամրջի ու պահակակետերի կռվին։ Էլադիոն է այնտեղ, եղբայրս, միսս ու ոսկորս։ Անսելմոն է այնտեղ, Պրիմիտիվոն, Ֆերնանդոն, Ագուստինը, Ռաֆայելը, թեև այս մեկը մի բանի նման չէ, կանայք են այնտեղ, Պաբլոն, Ingles֊ը։ Ingles֊ին կարելի է չհաշվել, նա օտարական է ու հրաման է կատարում։ Բոլորը մասնակցելու են այս կռվին, և ես իրավունք չունեմ ինչ֊որ նամակի պատճառով գլուխս պրծացնելու այս փորձությունից։ Ես պետք է արագ տեղ հասցնեմ այս ծրարը և շտապ վերադառնամ, որպեսզի հասնեմ կռվին։ Ամոթ է, որ ինչ֊որ նամակի պատճառով ես ետ մնամ։ Ուրեմն պարզ է, վերադառնալու եմ։ Բայցի այդ, հանկարծ մտածեց նա, հաճելի էլ է, ֆաշիստ ենք սպանելու։ Ինչքա՜ն ժամանակ է արդեն, որ ոչ մեկին չենք սպանել։ Ա՜յ օր է լինելու վաղը։ Իսկական օր։ Թող շուտ գա այդ օրը, ես էլ բարով հասցնեմ սա ու վերադառնամ։

Այդ պահին, երբ որոճի միջով քայլում էր զառիթափն ի վեր դեպի հանրապետականների գծերը, ոտքերի առաջից, խավարի մեջ մի կաքավ թևերն ուժգին թափահարեց ու թռավ։ Վախից շունչը կտրվեց։ Հանկարծակիի եկա, դրանից էր, մտածեց նա։ Ո՞նց են այդպես արագ թափահարում թևերը։ Երևի թուխս է նստել։ Հավանաբար ոտս շատ մոտիկ դրեցի։ Եթե պատերազմ չլիներ, հիմա թաշկինակս կկապեի այս թփին և ցերեկով կգայի֊կգտնեի այս բույնը, ձվերը կտանեի թխսկան հավի տակ կդնեի ու փոքրիկ կաքավներ կունենայի իմ հավանոցում և կպահեի, կմեծացնեի, կդարձնեի որսախայծեր։ Աչքերը չէի հանի։ Բայց որ չհանեմ, կթռչեն֊կգնան։ Կարող է։ Ուրեմն պետք է հանել աչքերը։

Բայց ո՞նց կհանես քո մեծացրած կենդանու աչքերը։ Կարելի է թևերը կտրել կամ էլ ոտից կապ գցել։ Պատերազմ չլիներ, Էլադիոյի հետ կգնայի ֆաշիստների պահակակետի մոտի գետակն ու խեցգետին կբռնեի։ Մի անգամ այդ գետակում չորս դյուժին խեցգետին բռնեցինք մեկ օրվա մեջ։ Եթե այս կռվից հետո Սիեռա դե Գրեդոս քաշվենք, լավ կլինի, այնտեղ հրաշալի գետակներ կան, մեջը լիքը կարմրախայտ ու խեցգետին։ Լավ կլիներ, եթե գնայինք, մտածեց նա։ Ամռանն ու աշնանը լավ կյանք կարելի է անել Գրեդոսում, բայց ձմեռը սարսափելի ցուրտ է։ Գուցե մինչև ձմեռ հաղթենք ու վերջացնենք այս պատերազմը։ Ի՞նչ կասես։

Եթե մեր հայրը հանրապետական չլիներ, հիմա Էլադիոն էլ, ես էլ ֆաշիստական զինվորներ կլինեինք, իսկ ֆաշիստական զինվորի համար ոչ մի խնդիր գոյություն չունի։ Կատարիր հրամանը, մեռա՞ր, մեռար, չմեռա՞ր՝ կապրես, մի խոսքով՝ ինչ֊որ լինելու է, կլինի։ Իշխանություններին հնազանդ ապրելն ավելի հեշտ է, քան նրանց դեմ պայքարելը։

Բայց այս պարտիզանությունը շատ պատասխանատու բան է։ Եթե անհանգիստ մտքի տեր մարդ ես, անընդհատ մտատանջվում ես։ Էլադիոն ավելի շատ է միտք անում, քան ես։ Նա շատ է մտահոգվում։ Ես հավատում եմ մեր գործի ճշտությանը, դրա համար էլ չեմ մտատանջվում։ Բայց շատ պատասխանատու գործ է մեր արածը։

Ինձ թվում է, որ մենք շատ դժվար ժամանակ ենք ծնվել, մտածեց նա։ Ինձ թվում է, առաջ ավելի հեշտ է եղել։ Մենք դժվարություններին դիմանում ենք, որովհետև հենց սկզբից էլ դա է եղե մեր կյանքը։ Ով դրան սովոր չէ, նա այստեղ անելիք չունի։ Դժվար ժամանակ է, որովհետև պետք է ինքներս որոշում ընդունենք։ Երբ ֆաշիստները մեզ վրա հարձակվեցին, ամեն ինչ որոշվեց֊վերջացավ։ Մենք կռվում ենք, որպեսզի ապրենք։ Ես ուզում եմ ապրել, որպեսզի կարողանամ թաշկինակս կապել այն թփին և ցերեկով գալ, հանել ձվերը, դնել թխսկան հավի տակ ու կաքավի ձագեր ունենալ մեր բակում։ Սա է ընդամենը իմ ուզածը։ Այսպիսի փոքրիկ ու հասարակ մի բան։

Բայց դու ոչ քո տունն ունես ոչ էլ քո անտուն բակը, մտածեց նա։ Դու ընտանիք էլ չունես, քո ունեցածը այդ մի եղբայրդ է, որը վաղը կգնա կռվի, մեկ էլ քամին է, արևը և դատարկ փորդ։ Քամին հիմա համարյա չի խաղում, մտածեց նա, իսկ արևը մայր է մտել։ Գրպանումդ չորս նռնակ ունես, մտածեց նա, բայց դրանք էլ գցելու համար են միայն։ Կարաբին ունես ուսիցդ կախած, դա էլ փամփուշտներ արձակելու համար է։ Գրպանումդ նամակ կա, պիտի հանձնես։ Մեջդ լիքը կղանք է, դա էլ հողին պահ կտաս, քմծիծաղեց մթության մեջ։ Հետն էլ կարող ես մեզդ։ Դու միայն տալ կարող ես։ Դո՛ւ, փիլիսոփա։ Դո՛ւ, դժբա՛խտ մարդ, ասաց ինքն իրեն ու նորից քմծիծաղեց։

Բայց հակառակ այդ բոլոր ազնիվ մտորումներին, թեթևացած լինելու զգացողությունը մնում էր, այն, որ ունենում էր գյուղում, երբ առավոտյան, ֆիեստայից առաջ, լսում էր թափվող անձրևի ձայնը։ Դիմացը, սարի կատարին, հանրապետական զորքերի դիրքերն էին․ նա գիտեր, որ այդտեղ իրեն ձայն կտան։

Գլուխ երեսունհինգերորդ

Ռոբերտ Ջորդանը մտավ ննջապարկը և պառկեց դեռևս քնած Մարիայի կողքին։ Պառկեց կողքի վրա, թիկունքով՝ աղջկան, զգաց, թե ինչպես մարմնի ողջ երկարությամբ հպվել են իրար, հիմա դա ոնց որ ծաղր լիներ։ Կատաղությունից ուտում էր իրեն։ Դու այդ ի՞նչ արեցիր, դո՛ւ։ Այո՛, դո՛ւ։ Չէ՞ որ առաջին իսկ հանդիպման ժամանակ դու ինքդ ասացիր, որ հենց այն պահին, երբ նա սիրալիրություն ցույց կտա, իմացիր, որ դավաճանությունը պատրաստ է։ Անիծյալ ապուշ։ Երիցս անիծյալ ապուշ։ Լա՛վ, վերջացրո՛ւ։ Հիմա դրա ժամանակը չէ։

Կարո՞ղ է թաքցրած լինել կամ գցած լինի մի կողմի վրա։ Հազիվ թե։ Եթե գցած էլ լինի, այս մթանը ո՞նց կգտնես։ Հետը տարած կլինի։ Պայթուցիկ էլ է վերցրել։ Ա՜խ, դու կեղտո՛տ, ստո՛ր, հարբեցող դավաճա՛ն։ Կղա՛նք։ Գնո՞ւմ էիր, գնայիր, էլ պայթուցիչն ու դետոնատորներն ո՞ւր ես տանում։ Ես ինչո՞ւ այդպես հիմարացա ոը թողեցի դրանք այդ անիծյալ կնոջ մոտ։ Խորամա՛նկ, դավաճա՛ն պոռնկորդի։ Կետո՛տ cabron:

Վերջացրո՛ւ, հանգստացի՛ր, ասաց ինքն իրեն։ Այս գործն առանց ռիսկի չէր լինի։ Դե հիմա խաբվել ես։ Այն էլ ո՜նց, չորս ոտով ես ընկել։ Լա՛վ, գլուխդ մի՛ կորցրու, կատաղությունդ մի կողմ դիր, բավական է ողբաս ու քեզ պատերով տաս։ Գնացին իրերդ։ Գնացին ու վերջ։ Գրողի ծոցը գնար այդ կեղտոտ խոզը։ Հիմա մտածիր, թե ոնց ես սրա տակից դուրս գալու։ Դուրս պիտի գաս, ոնց ուզում ես արա, բայց կամուրջը պիտի պայթեցնես, թեկուզ ինքդ կանգնես տակը․․․ Մի հիմարություն էլ դա, վերջացրո՛ւ։ Արի պապիցդ խորհուրդ հարցրու։

Տո իմ պապին էլ, տո այս դավաճան անիծյալ երկիրն էլ, այդ կեղտոտ իսպանացիներին էլ, այս կողմիններին էլ, այն կողմիններին էլ, տո բոլորին էլ։ Լարգոյին էլ, Պրիետոյին էլ, Անսելմոյին էլ, Միախային էլ, Ռոխոյին էլ, բոլորին։ Առանձին֊առանձին և բոլորին միասին։ Դավաճանությամբ լցված այս ամբողջ երկրին։ Դրանց եսապաշտության, ինքնահավանության, ինքնագոհության, դավաճանության։ Անիծվեն դրանք։ Ո՞ւր ենք դրանց համար մեռնում։ Մեռնելուց առաջ ես դրանց։ Մեռնելուց հետո էլ։ Սատկեն դրանք, գրողի ծոցը գնան։ Ես քո Պաբլոյի։ Դրանք բոլորն էլ Պաբլո են։ Ո՜վ աստված, գթա՛ իսպանացի ժողովրդին։ Այս երկրի բոլոր առաջնորդներն էլ թքած են ունեցել նրա վրա։ Երկու հազար տարվա ընթացքում միայն մի լավ մարդ է եղել՝ Պաբլո Իգլեսիասը, բոլոր մնացածները թքել են ժողովրդի վրա։ Ի՞նչ իմանաս, թե նա ինչպես կպահեր իրեն այս պատերազմում։ Հիշում եմ, մի ժամանակ Լարգոն ինձ կարգին մարդ էր թվում։ Դուրուտին էլ լավ մարդ էր, և հենց իր մարդիկ էլ սպանեցին նրան Պուենտե֊դե֊լոս֊Ֆրանկեսեսում։ Սպանեցին, որովհետև նրանց հարձակման էր տանում։ Սպանեցին անկարգապահության փառավոր կարգապահությամբ։ Վախկոտ խոզեր։ Գրողի ծոցը բոլորն էլ։ Այդ Պաբլոն էլ, որ պայթուցիչս ու դետոնատորներս առավ ու ծլկեց։ Դժոխքի խորխորատը ծլկեր։ Ո՛չ։ Նա մե՛զ այնտեղ ուղարկեց։ Նրանք բոլորն էլ, Կորտեսից, Մենենդես դե Ավիլայից մինչև Միախա, մեզ են այնտեղ ուղարկել։ Հիշիր, թե ինչ արեց Միախան Կլեբերին։ Այդ եսապաշտ ճաղատ խոզը։ Այդ ձվանման գլխով բութ պոռնկորդին։ Ես այդ խելագար, եսապաշտ, դավաճան խոզերի, որ միշտ եղել են Իսպանիայի կառավարության ու բանակի գլուխը։ Ես դրանց բոլորի, բացի ժողովրդից։

Եվ ինչքան շարունակեց, այնքան չափազանցությունների մեջ ընկավ ու արդեն առանց տարբերակման և անիրավացիորեն ներկեց բոլորին և հետզհետե համոզվեց, որ ինքը ճիշտ չէ, և կատաղությունն սկսեց իջնել։ Եթե այդ բոլորը ճիշտ են, դու ինչո՞ւ ես այստեղ։ Ճիշտ չեն, և ինքդ էլ գիտես։ Նայիր ինչքան լավ մարդիկ կան։ Ինչքան հիանալի մարդիկ։ Նա հիմա ցավում է, որ անարդար էր գտնվել։ Անարդար լինելը նա նույնքան էր ատում, ինչքան դաժանությունը, կատաղությունն էր կուրացրել նրան, բայց զայրույթն սկսել էր աստիճանաբար հանգչել, կարմիր, սև կուրացնող, սպանող զայրույթն հիմա բոլորովին չքացել էր արդեն, հանգիստ էր, ուղեղում խաղաղ դատարկություն էր, այնպիսի մի պայծառություն, դատողության սառնություն, որպիսին լինում է սեռական հարաբերություն ունենալուց հետո մի կնոջ հետ, որին չես սիրում։

― Եվ դու, դու, խեղճ նապաստակ, ― ասաց ու կռացավ Մարիայի վրա, որը քնի մեջ ժպտաց ու սեղմվեց իրեն։ ― Եթե մի քիչ առաջ փորձեիր հետս խոսել, կխփեի քեզ։ Ինչպիսի անասուններ ենք տղամարդիկս, մեր կատաղության պահին։

Նա հիմա սեղմվել էր աղջկան, գրկել, կզակը դրել ուսին, և այդպես պառկած որոշում էր, թե առավոտյան ինչ պիտի անի և ինչպես պիտի անի։

Այնքան էլ վատ չէ, մտածեց նա։ Իսկապես որ այնքան էլ վատ չէ։ Չգիտեմ սրանից առաջ որևէ մեկն այդպիսի բան արդյոք արե՞լ է։ Բայց մեզնից հետո կլինեն մարդիկ, որոնք այսպիսի հանգամանքներում մեզ նման կվարվեն։ Եթե մենք անենք, նրանք էլ մեր արածն իմանան։ Այո, եթե իմանան։ Եթե ստիպված չլինեն գլուխ կոտրելու, թե ինչպես ենք արել։ Շատ քիչ ենք, բայց կարիք չկա անհանգստանալու։ Այսքանով էլ կպայթեցնեմ կամուրջը։ Աստված իմ, ինչ լավ եղավ, որ զայրույթս իջավ։ Ոնց որ բքի մեջ ընկած լինեի, չէի կարողանում շնչել։ Դա էլ է անթույլատրելի շքեղություն։

― Ամեն ինչ հաշված, որոշված է, guapa, ― փսփսաց Մարիայի ուսին։ ― Այդ բոլորը քո կողքով անցան։ Դու ոչինչ չիմացար։ Մենք կսպանվենք, բայց կամուրջը կպայթեցնենք։ Դու դրա մասին անհանգստանալու առիթ չունեցար։ Բայց որպես հարսանեկան նվեր դա այնքան էլ բանի նման չէ։ Ասում են ամենաթանկ բանը գիշերվա խոր քունն է։ Դու այս գիշեր խոր քնել էիր։ Գուցե քունդ որպես ամուսնական մատանի՞ անցկացնես մատիդ։ Քնի՛ր, guapa։ Անո՜ւշ քնիր, սիրելի՛ս։ Ես քեզ չեմ զարթնեցնի։ Հիմա այդքանը կարող եմ անել քեզ համար։

Նա պառկել էր, թեթև գրկել աղջկան, զգում էր նրա շնչառությունը, զգում էր նրա սրտի բաբախյունը և հետևում էր թևին կապված ժամացույցի սլաքի պտույտին։

Գլուխ երեսունվեցերորդ

Անդրեսը մոտեցավ հանրապետականների դիրքերին ու ձայն տվեց։ Ավելի ճիշտ, պառկեց եռաշար փշալարերի տակ պատի նման իջնող ժայռի ստորոտին և գոռաց։ Մթության մեջ նա հեշտությամբ կարող էր անցնել այս դիրքի կողքով և մինչև իրեն ձայն տային, գնար հանրապետականների հսկողության տակ եղող հողերով, որովհետև պաշտպանական համատարած գիծ գոյություն չուներ։ Բայց մտածեց, որ այսպես ավելի ապահով ու ավելի պարզ կլինի։

― Salud, ― գոռաց։ ― Salud, milicianos![116]

Հրացանի փակաղակի շխկոց լսեց։ Հետո հողաթմբի հեռավոր ծայրից հրացանով կրակեցին։ Խլացուցիչ ճայթուն լսվեց, և դեղին մի գիծ վերևից ներքև ճեղքեց մթությունը։ Փակաղակի շխկոցի վրա Անդրեսը երեսնիվայր պառկեց ու գլուխը կոխեց հողի մեջ։

― Մի՛ կրակեք, ընկերներ, ― գոռաց Անդրեսը։ ― Մի՛ կրակեք։ Ես ձեզ մոտ եմ եկել։

― Քանի՞ հոգի եք, ― գոռաց մեկը հողաթմբի ետևից։

― Մեկ։ Ես։ Մենակ։

― Դու ո՞վ ես։

― Անդրես Լոպեսը, Վիլլակոնեխոսից։ Պաբլոյի խմբից։ Նամակ եմ բերել։

― Հրացանդ ու փամփուշտներդ հետդ ե՞ն։

― Այո, բարեկամ։

― Առանց հրացանի ու փամփուշտների ոչ ոքի չենք ընդունում այստեղ, ― ասաց ձայնը։ ― Եվ պիտի երեք հոգուց ավելի չլինեն։

― Ես մենակ եմ, ― գոռաց Անդրեսը։ ― Շատ կարևոր գործ է։ Թողեք ներս գամ։

Լսեց, որ հողաթմբի ետևում խոսում են, բայց թե ինչ, չէր սլվում։ Հետո նույն ձայնը նորից գոռաց․

― Քանի՞ հոգի եք։

― Մեկ։ Ես։ Մենակ։ Աստծու սիրույն։

Հողաթմբի ետևում նորից էին խոսում։ Հետո ձայնը ասաց․

― Լսի՛ր, ֆաշիստ։

― Ես ֆաշիստ չեմ, ― գոռաց Անդրեսը։ ― Ես guerrillero եմ, Պաբլոյի խմբից։ Նամակ եմ բերել, գլխավոր շտաբին։

― Խելագար է, ― լսվեց վերևից։ ― Մի նռնակ գցիր֊վերջացրո՛ւ։

― Լսի՛ր, ― ասաց Անդրեսը։ ― Ես մենակ եմ։ Միայն ու միայն ես եմ։ Թե մենակ չեմ, սուրբ մասունքի ըսենցն ու ընենցը։ Դե թողեք ներս գամ։

― Բարեպաշտ քրիստոնյա է երևում, ― ասաց մեկն ու ծիծաղեց։

― Ամենից լավն այն է, որ մի նռնակ գցենք ու վերջացնենք, ― ասաց մեկ ուրիշը։

― Ո՛չ, ― ասաց Անդրեսը։ ― Դա շատ մեծ սխալ կլինի։ Սա կարևոր գործ է։ Թողեք ներս գամ։

Այ սրա համար էր, որ չէր սիրում ռազմաճակատային գիծն անցնել֊դառնալը։ Երբեմն համեմատաբար հաջող էր լինում։ Բայց լավ՝ երբեք չի եղել։

― Մենա՞կ ես, ― նորից լսվեց վերևից եկող ձայնը։

― Me cago en la leche,[117] ― Քանի՞ ամգամ ասեմ։ Մենակ եմ։

― Եթե մենակ ես, կանգնիր ու հրացանդ պահիր գլխիդ վերևը։

Անդրեսը կանգնեց ու կարաբինը երկու ձեռքով պահեց գլխավերևում։

― Հիմա անցիր փշալարերը։ Maquina֊ն վրադ ենք պահել, ― ասաց ձայնը։

Անդրեսը մոտեցել էր փշալարերի առաջին գծին։

― Ձեռքերս այսպես պահած չեմ կարող անցնել փշալարերից, ― գոռաց Անդրեսը։

― Չիջեցնես, ― հրամայեց ձայնը։

― Փշալարին եմ առել, ― գոռաց Անդրեսը։

― Մի նռնակ գցենք վերջանա, ― ասաց մի ձայն։

― Հրացանը թող ուսին գցի, ― ասաց մի ուրիշ ձայն։ ― Ձեռքերն այդպես պահած ո՞նց կարող է անցնել փշալարերից։ Մի քիչ մտածիր։

― Բոլոր ֆաշիստներն էլ նույնն են, ― ասաց մի ուրիշ ձայն։ ― Մեկը չվերջացրած մյուս պայմանն են դնում։

― Լսե՛ք, ― գոռաց Անդրեսը։ ― Ես ֆաշիստ չեմ, guerrillero եմ, Պաբլոյի խմբից։ Մենք ավելի շատ ենք ֆաշիստ կոտորել, քան տիֆը։

― Երբեք չեմ լսել այդ Պաբլոյի խմբի մասին, ― ասաց մի տղամարդ, որը հավանաբար պահակակետի հրամանատարն էր։ ― Ո՛չ Պետրոսի, ո՛չ Պողոսի, ո՛չ էլ ուրիշ առաքյալների ու սրբերի։ Կամ նրանց խմբերի։ Հրացանդ գցիր ուսիդ ու ձեռքերով ազատ գործիր։

― Քանի դեռ maquina֊յից կրակ չենք բացել, ― գոռաց մեկ ուրիշը։

― Que poco amables sois, ― ասաց Անդրեսը։ ― Շատ սիրալիր չեք։

Փշալարերի արանքով սկսեց առաջ շարժվել։

― Սիրալի՞ր, ― գոռաց մեկը։ ― Լսի՛ր, բարեկա՛մ, մենք պատերազմի մեջ ենք։

― Երևում է, ― ասաց Անդրեսը։

― Ի՞նչ է ասում։

Անդրեսը նորից փակաղակի շխկոց լսեց։

― Ոչինչ, ― գոռաց նա։ ― Բան չեմ ասում։ Չկրակեք, թողեք անցնեմ այս ինչն արած փշալարով։

― Չփորձես հայհոյել մեր փշալարին, ― գոռաց մեկը։ ― Թե չէ նռնակը կգա գլխիդ։

― Quiero decir, que buena alambrada,[118] ― գոռաց Անդրեսը։― Ի՜նչ գեղեցիկ փշալար է։ Ոնց որ տեր աստվածն արտաքնոցում։ Ի՜նչ սիրուն փշալար է։ Մի րոպե էլ համբերեք, արդեն հասնում եմ, եղբայրներ։

― Շպրտենք նռնակը, ― ասաց մեկի ձայնը։ ― Դրանից խելացի բան չկա, լսե՛ք ինձ։

― Եղբայրնե՛ր, ― ասաց Անդրեսը։ Նա քրտնքի մեջ կորել էր, գիտեր, որ այդ խորհուրդը տվողը կարող է ուզածդ պահին ինքը գցել նռնակը։ ― Ախր ես ո՞վ եմ, ես ոչ մի արժեք չունեմ։

― Հավատում եմ, ― ասաց նռնակ առաջարկողը։

― Իրավացի ես, ― ասաց Անդրեսը։ Նա զգուշությամբ անցնում էր փշալարերի երկրորդ գիծը և արդեն գրեթե հողաթմբի կողքին էր։ ― Ես ոչ մի արժեք չունեմ։ Բայց այս գործը շատ կարևոր է։ Muy, muy serio.[119]

― Ազատությունից ավելի կարևոր բան չկա, ― գոռաց նռնակ առաջարկողը։ ― Ի՞նչ է, կա՞ ազատությունից ավելի կարևոր բան, ― հարցրեց մարտահրավերի կոչով։

― Չկա, բարեկամ, ― ասաց Անդրեսը թեթևացած։ Նա հասկացավ, որ կանգնած է խելագարների դիմաց՝ սև֊կարմիր վզկապավորների։ ― Viva la Libertad![120]

― Viva la F.A. I.[121] Viva la C. N. T, [122] ― գոռացին հողաթմբի ետևից։ ― Viva el anarco-sindicalismo և ազատությունը։

― Viva nostros, ― գոռաց Անդրեսը։ ― Կեցցենք մենք։

― Մերոնցից է, ― ասաց նռնակ առաջարկողը։ ― Իսկ ես քիչ էր մնում սպանեի սրանով։

Նա նայեց ձեռքի նռնակին, հետո, խորապես զգացված՝ հողաթումբն անցնող Անդրեսին։ Թևերը բացեց, փաթաթվեց Անդրեսին, համբուրեց այտերը, նռնակը տակավին ձեռքին էր և հիմա արդեն հանգչում էր Անդրեսի ուսին։

― Ես շատ գոհ եմ, որ ոչ մի բան չպատահեց, եղբայր, ― ասաց նա։ ― Շատ գոհ եմ։

― Որտե՞ղ է սպան, ― հարցրեց Անդրեսը։

― Ես եմ հրամանատարը, ― ասաց մարդը։ ― Տո՛ւր տեսնեմ թղթերդ։

Գնաց բլինդաժ և սկսեց մոմի լույսի տակ ստուգել փաստաթղթերը։

Առաջինը Հանրապետության դրոշի գույնի մետաքսով պատված երկծալ մի վկայական էր, կենտրոնում՝ ՌՀԾ֊ի կնիքը։ Հետո մի Salvoconducto էր, անցագիր, որի մեջ գրված էին անունը, տարիքը, հասակի բարձրությունը, ծննդյան վայրը և տրված հանձնարարությունը։ Այս թուղթը տվել էր Ռոբերտ Ջորդանը, գրել էր իր նոթատետրից պոկված թերթիկի վրա և ՌՀԾ֊ի կնիքով հաստատել։ Սրանց հետ էր նաև Գոլցին ուղղված զեկուցագիրը, չորս թերթիկից բաղկացած, որոնք իրար հետ թելով կապված ու ՌՀԾ֊ի մետաղյա կնիքով մոմով կնքված էին։

― Ծանոթ եմ սրանց, ― ասաց պահակակետի հրամանատարը և վերադարձրեց մետաքսի կտորը։ ― Սա բոլորիդ մոտ էլ կա։ ― Բայց ոչ մի արժեք չունի, եթե այ, հիմա ինձ չասես։ ― Նա վերցրեց Salvoconducto֊ն և նորից սկսեց կարդալ։ ― Որտե՞ղ ես ծնվել։

― Վիլլակոնեխոսում, ― ասաց Անդրեսը։

― Ի՞նչ է աճում այնտեղ։

― Սեխ, ― ասաց Անդրեսը։ ― Ամեն մարդ էլ գիտի դա։

― Ո՞ւմ ես ճանաչում։

― Ինչո՞ւ։ Դո՞ւ էլ ես այնտեղից։

― Ոչ։ Բայց եղել եմ։ Ես Արանխուեսից եմ։

― Հարցրու ում մասին ուզում ես։

― Նկարագրիր Խոսե Ռինկոնին։

― Նա՞, որ գինետուն ունի։

― Հենց նա։

― Գլուխն ածիլված, փորը՝ մեծ, մի աչքն էլ խումար։

― Հիմա արդեն սա արժեք ունի, իսկական է, ― ասաց ու վերադարձրեց վկայականը։ ― Բայց ի՞նչ ես անում այնտեղ, նրանց կողմը։

― Հայրս նախքան պատերազմը ընտանիքը փոխադրեց Վիլլակաստին, ― ասաց Անդրեսը։ ― Լեռների մյուս երեսը դաշտավայր է։ Այնտեղ էինք, երբ պատերազմն սկսվեց։ Պատերազմի սկզբից Պաբլոյի խմբում եմ։ Բայց հիմա շատ եմ շտապում, բարեկամ, այս նամակը պետք է տեղ հասցնեմ։

― Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ, ֆաշիստների տերիտորիայում, ― հարցրեց պահակակետի հրամանատարը։ Նա չէր շտապում։

― Լավ քրտնեցինք այսօր։ Ամբողջ օրը փոշին բռնել էր երկինքը։ Այսօր Սորդոյի խմբին ոչնչացրին ֆաշիստները։

― Սորդոն ո՞վ է, ― հարցրեց մյուսը կասկածանքով։

― Մեր սարերի ամենալավ խմբերից մեկի առաջնորդը։

― Ճիշտն այն կլիներ, որ դուք բոլորդ էլ գայիք ու հանրապետական բանակում ծառայեիք, ― ասաց սպան։ ― Ո՞ւմ է պետք այդ հիմար պարտիզանությունը։ Բոլորդ էլ պետք է գաք ու սովորեք ենթարկվել զինվորական կարգապահության։ Իսկ եթե պարտիզանների կարիք լինի, ինքներս կուղարկենք։

Անդրեսը գերագույն համբերությամբ օժտված մարդ էր։ Նա հանգիստ անցել էր փշալարերը։ Այս ստուգումները նույնպես չէին վրդովեցրել նրան։ Նա գտնում էր, որ շատ բնական է, եթե այս մարդը չի հասկանում, թե իրենք ինչ են անում ու հիմար֊հիմար դուրս է տալիս։ Անսպասելի ոչինչ չկար նաև այս դանդաղկոտության մեջ, բայց հիմա նա շտապում էր, պետք է տեղ հասներ։

― Լսիր, compadre, ― ասաց նա։ ― Երևի դու իրավացի ես։ Ես այս նամակը պետք է հասցնեմ 35֊րդ դիվիզիայի հրամանատարին, լուսաբացին գեներալն այս սարերում հարձակում է սկսելու, արդեն ուշ գիշեր է, ես պետք է գնամ։

― Ի՞նչ հարձակում։ Դու որտեղի՞ց գիտես հարձակման մասին։

― Ես ոչ մի բան չգիտեմ։ Ես հիմա պետք է Նավասեռադա գնամ։ Տար ինձ ձեր հրամանատարի մոտ, որպեսզի փոխադրական տա։ Մեկնումեկին ուղարկիր հետս, միայն թե շուտ, չի կարելի ուշացնել։

― Այս ամենը ինձ ինչ֊որ կասկածելի է թվում, ― ասաց նա։ ― Ավելի լավ էր քեզ խփեինք փշալարերի մոտ։

― Բայց չէ՞ որ թղթերս տեսար, ընկե՛ր, ես քեզ բացատրեցի, չէ՞, ինչ հանձնարարությամբ եմ գնում, ― համբերատարությամբ ասաց Անդրեսը։

― Թղթերը կարելի է սարքել, ― ասաց սպան։ ― Այդպիսի հանձնարարություն ուզածդ ֆաշիստն էլ կարող է հնարել։ Ես կտանեմ քեզ հրամանատարի մոտ։

― Լավ, ― ասաց Անդրեսը։ ― Դու տար։ Բայց արագ գնանք։

― Լսի՛ր, Սանչես։ Կմնաս իմ փոխարեն, ― ասաց սպան։ ― Դու գիտես ինչը ոնց անես։ Ես այս այսպես կոչված ընկերոջը տանում եմ հրամանատարի մոտ։

Բարձունքից դենն ընկած խրամատով նրանք առաջ շարժվեցին մթության մեջ, մացառների միջից Անդրեսի քթին խփեց բարձունքի պաշտպանների աջ ու ձախ սփռված կեղտի հոտը։ Այդ մարդիկ նրան դուր չէին եկել, վտանգավոր երեխաների էին նման՝ կեղտոտ, անկարգ, ազնիվ, անուշ, հիմար և տգետ, ու միշտ վտանգավոր, որովհետև զինված են։ Ինքը՝ Անդրեսը, քաղաքականության հետ գործ չուներ, նա Հանրապետության կողմն էր, այդքան։ Շատ էր լսել նրանց, և շատ հաճախ էին այդ խոսքերը նրան գեղեցիկ թվացել, բայց այդ մարդիկ նրան դուր չէին եկել։ Ի՞նչ ազատության մասին է խոսքը, երբ մարդն ինքն իր կեղտը չի ծածկում։ Կատվից էլ ազատ կենդանի՞։ Միշտ էլ կեղտը ծածկում է։ Ամենամեծ անարխիստը կատուն է։ Մինչև կատվից այդ բանը չսովորեն, ես դրանց չեմ կարող հարգել։

Առջևից գնացող սպան հանկարծ կանգ առավ։

― Կարաբինդ դեռ մո՞տդ է, ― ասաց նա։

― Այո, ― ասաց Անդրեսը։ ― Ի՞նչ է եղել։

― Ինձ տուր, ― ասաց սպան։ ― Կարող է խփես ինձ թիկունքից։

― Ինչո՞ւ, ― հարցրեց Անդրեսը։ ― Ինչո՞ւ խփեմ թիկունքից։

― Ո՞վ իմանա, ― ասաց սպան։ ― Ես ոչ մեկին չեմ վստահում։ Տո՛ւր կարաբինը։

Անդրեսը ուսից հանեց հրացանն ու տվեց։

― Եթե ուզում ես շալակել, ― ասաց նա։

― Այսպես ավելի լավ է, ― ասաց սպան։ ― Այսպես ավելի ապահով է։

Մթության մեջ սարալանջով գնացին ցած։

Գլուխ երեսունյոթերորդ

Հիմա Ռոբերտ Ջորդանը պառկել էր աղջկա հետ ու նայում էր թևի ժամացույցի պտտվող սլաքին։ Ժամանակը դանդաղ էր առաջ գնում, համարյա աննկատ, որովհետև ժամացույցը շատ փոքր էր ու վայրկյանացույց սլաքը չէր երևում։ Սակայն, երբ ուշադիր հետևեց րոպեացույց սլաքին, տեսավ, որ կենտրոնանալու դեպքում կարելի է նկատել շարժումը։ Աղջկա գլուխն իր ծնոտի տակն էր, երբ շրջվեց, որպեսզի ժամացույցին նայի, այտերի վրա զգաց շոյանքը նրա կարճ մազերի, որոնք այնպես փափուկ էին, կենդանի, մետաքսյա, ինչպես կզաքիսի մուշտակը, որը ցից֊ցից էր լինում, երբ թակարդից գազանիկին հանում են և մի ձեռքով ամուր բռնած՝ մյուսով սկսում ես փաղաքշել։ Երբ Մարիայի մազերը քսվեցին այտերին, կոկորդը սեղմվեց, իսկ երբ թևերով փաթաթվեց ու ամուր գրկեց աղջկան, զգաց տանջող մի ցավ, որը տարածվեց ամբողջ մարմնով մեկ։ Գլուխն իջեցրեց և աչքերը հառեց ժամացույցի թվահարթակի ձախ կողմում դանդաղ շարժվող ֆոսֆորափայլ սլաքին։ Նա հիմա տեսնում էր սլաքի շարժումը և ավելի ամուր էր գրկել աղջկան, ասես դանդաղեցնելու համար այդ շարժումը։ Չէր ուզում արթնացնել նրան, բայց և չէր կարող ձեռք տալ հիմա, վերջին անգամ, և շրթունքները հպեց աղջկա ծոծրակին, ականջին՝ ըմբոշխնելով մաշկի ողորկության և մազերի փափկության զգացողությունը։ Նայեց թվահարթակի վրա շարժվող սլաքին և ավելի ամուր գրկեց Մարիային ու լեզվի ծայրը այտի վրայով տարավ դեպի ականջի բլթակը, հետո ավելի վեր՝ ականջախեցու հրաշալի գալարներով մինչև վերին կարծր ու անուշ եզրակը։ Լեզուն դողում էր։ Նա զգաց, որ այդ դողը ցավագնորեն տարածվում է իր ամբողջ էության մեջ, տեսավ, որ րոպեացույց սլաքը վերին կետին է մոտենում։ Շրջեց դեռևս քնած աղջկա գլուխը և շրթունքները հպեց նրա շրթունքներին։ Չէր համբուրում, թեթևակի հպել էր շուրթերը նրա փակ շուրթերին և զգում էր նրանց նուրբ շոյանքը։ Ամբողջ մարմնով շրջվեց աղջկա կողմը, և զգաց նրա երկար, թեթև, նուրբ մարմնի դողը, և աղջիկը քնի մեջ հառաչեց, հետո, դեռևս քնի մեջ, փաթաթվեց իրեն, հետո, արդեն արթուն, շրթունքներով սեղմվեց իր շուրթերին։

― Բայց չէ՞ որ ցավում է, ― ասաց նա։

― Չէ՛, չի ցավում, ― ասաց աղջիկը։

― Նապաստա՛կ։

― Չէ՛, էլ մի խոսիր։

― Նապաստա՛կս։

― Մի՛ խոսիր։ Մի՛։

Հետո նրանք եղան իրար հետ, ու թեև ժամացույցի սլաքը շարունակեց իր շարժումը, արդեն աննկատ, նրանք գիտեին, որ ինչ պատահի իրենցից մեկին, չի կարող չպատահել և մյուսին, որ սրանից ավելին չի լինի, որ սա է ամենը և սա է ընդմիշտ, որ սա այն է, ինչ եղել է և պետք է նորից լիներ ու այժմ լինում է։ Սա է, որից զրկվում էին, և հիմա վերստին իրենցն է։ Իրենցն է հիմա, եղել է առաջ, լինելու է միշտ, և այս պահին, և այս պահին, և այս պահին։ Ոհ, այս պահը, այս, միակ պահը, ամեն ինչից վեր պահը, և չկա այլ պահ քեզանից բացի, և այս պահը քո մարգարեն է։ Այժմ և միշտ։ Այո, այս պահը։ Միայն այս պահը, ոչ մի ուրիշ բան այս պահից բացի, և խնդրում եմ, մի՛ հարցրու, թե որտեղ ես դու, և որտեղ եմ ես, և որտեղ է մյուսը, կա միայն այս պահը այժմ և միշտ, և միշտ, և միշտ և միշտ, միայն և միշտ այս պահը, և ոչինչ սրանից բացի, այս պահից, այս բարձրացող, այս լողացող, այս հեռացող, այս պտտվող, այս հեռու ճախրող, միշտ հեռու, միշտ ու ավելի հեռու, և միշտ միասին, միասին, միասին, միասին, տակավին միասին, տակավին միասին, միասին ներքև, միասին քնքշաբար, միասին տենչավառ, միասին բարի, միասին երջանիկ, միասին բարօրության մեջ, միասին երազանքների մեջ, միասին երկրի վրա, արմունկների տակ սոճու կտրատված և խեժ ու գիշեր բուրող ճյուղեր, և պահն հիմա վերջնականապես իջել է երկիր, և արդեն բացվում է նոր օրվա առավոտը։ Այս մտքերն էին պտտվում ուղեղում, բայց նա բարձրաձայն միայն սա ասաց․

― Ո՛հ, Մարիա՛, սիրում եմ քեզ, շնորհակալ եմ։

― Մի՛ խոսիր։ Ավելի լավ է լռենք, ― ասաց Մարիան։

― Ո՛չ, պիտի խոսեմ, որովհետև սա շատ մեծ բան է։

― Ո՛չ։

― Նապաստակ․․․

Բայց աղջիկը սեղմվեց նրան ու շրջեց գլուխը, և Ռոբերտ Ջորդանը ցածրաձայն հարցրեց․

― Ցավո՞ւմ է, նապաստակ։

― Ոչ, ― ասաց նա։ ― Ես էլ եմ շնորհակալ, որ մի անգամ ևս La gloria[123]֊յի մեջ եղա։

Հետո հանգիստ պառկեցին, կողք֊կողքի, ամբողջ մարմնով՝ ոտքերով, ազդրերով, կողերով, ուսերով, ամուր իրար սեղմված, Ռոբերտ Ջորդանը հիմա նորից նայեց ժամացույցին, և Մարիան ասաց․

― Մենք շատ բախտավոր ենք։

― Այո՛, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― շատ բախտավոր մարդիկ ենք։

― Արդեն ո՞ւշ է, պետք է վե՞ր կենանք։

― Այո՛, ― ասաց նա։ ― Շուտով պետք է շարժվենք։

― Դե՛, եթե վեր ենք կենալու, գնանք մի բան ուտենք։

― Լավ։

― Մի բան հարցնեմ։ Չե՞ս անհանգստանում։

― Ոչ։

― Ճի՞շտ ես ասում։

― Այո։ Հիմա արդեն չեմ անհանգստանում։

― Բայց երեկոյան անհանգստացած էիր։

― Եղավ այդպիսի մի պահ։

― Կարո՞ղ եմ քեզ օգնել։

― Ոչ, ― ասաց նա։ ― Դու արդեն օգնեցիր։

― Ա՞յն։ Դա ինձ համար էր։

― Դա երկուսիս համար էր, ― ասաց նա։ ― Այդ բանում մենակ չեն լինում։ Դե՛, նապաստակ, հագնվենք։

Բայց միտքը՝ իր լավագույն ընկերը, վերադարձել էր La Gloria֊յին։ La Gloria, ասաց աղջիկը։ Սա ոչ glori֊ն[124] է, ոչ La Gloire֊ը,[125] որի մասին այդքան գրում ու խոսում են ֆրանսիացիք։ Սա այն է, ինչ կարող ես զգալ Cante Hondo֊ում ու Saeta[126]֊ներում։ Անշուշտ նաև Գրեկոյի ու Սան֊Խուան դե լա Կրուսի մոտ, ինչպես և ուրիշների։ Ես միստիկ չեմ, բայց այդ բանը ժխտելը նույնպիսի տգիտություն է, ինչպես, ասենք, հեռախոսի գոյության ժխտումը, կամ այն, որ երկիրը պտտվում է արևի շուրջը, որ սրանից բացի ևս մոլորակներ կան։

Ինչքա՜ն քիչ բան գիտենք մենք։ Պիտի ուզեի դեռ երկար ապրել, և ոչ թե մեռնել այսօր, որովհետև այս չորս օրում ես կյանքի մասին շատ բան իմացա, կարծում եմ շատ ավելի, քան իմ անցած ամբողջ կյանքի ընթացքում։ Պիտի ուզեի մինչև խոր ծերություն ապրել և իսկապես ճանաչել կյանքը։ Տեսնես կարելի՞ է արդյոք սովորել ու սովորել, թե՞ կա մի սահման, որից այն կողմ մարդը չի կարող հասկանալ։ Ես կարծում էի շատ բան գիտեմ, բայց հիմա տեսնում եմ, որ բոլորովին էլ չգիտեմ։ Ա՜խ, եթե ժամանակ լիներ։

― Դու ինձ շատ բան սովորեցրիր, guapa, ― ասաց նա անգլերեն։

― Ի՞նչ ասացիր։

― Ես քեզանից շատ բան սովորեցի։

― Que va, ― ասաց աղջիկը, ― դու ես կրթություն ունեցողը։

Կրթություն, մտածեց նա։ Ի՞նչ կրթություն է իմ ունեցածը, ընդամենը տարրական գիտելիքներ։ Տարրական։ Ափսոս է, եթե այսօր մեռնեմ, որովհետև հիմա ինչ֊որ բան արդեն գիտեմ։ Եվ ինչ֊որ բան հիմա միայն սովորած լինելուդ պատճառն արդյո՞ք այն չէ, որ ժամանակի կարճության պատճառով գերզգայուն ես դարձել։ Ժամանակի կարճությունը ո՞րն է։ Նման բան գոյություն չունի։ Դու դա պետք է իմացած լինեիր։ Ամբողջ կյանքս ես այստեղ եմ այն օրվանից, երբ եկա այս սարերը։ Անսելմոն իմ ամենահին ընկերն է։ Ես նրան ավելի լավ եմ ճանաչում, քան Չարզին, քան Չաբին, քան Գիյին, քան Մայքին, իսկ նրանց ես ճանաչում եմ և լավ եմ ճանաչում։ Ագուստինը եղբայրս է, թեկուզ և կեղտոտ է բերանը, իսկ ես եղբայր չեմ ունեցել։ Մարիան իմ ճշմարիտ սերն է ու իմ կինը։ Ես երբեք ճշմարիտ սեր չեմ ունեցել։ Չեմ ունեցել և կին։ Նաև քույրս է, իսկ ես քույր չեմ ունեցել, դուստրս է, իսկ դուստր երբեք չեմ ունենա։ Ատելությամբ եմ լցվում, որ այսքան լավ բաներ թողնելու եմ ու հեռանալաու։

Պարանե ներբանով կոշիկները կապեց֊վերջացրեց։

― Կարծում եմ, որ կյանքը շատ հետաքրքրական է, ― ասաց Մարիային։ Աղջիկը սրունքներն առել էր ձեռքերի մեջ ու նստել էր կողքին, ննջապարկի վրա։ Ինչ֊որ մեկը քաշեց քարայրի մուտքի ծածկոցը, և լույս երևաց։ Գիշեր էր տակավին, և լուսաբացի նշույլ իսկ չկար, եթե հաշվի չառնենք այն, որ սոճիների կատարների միջից երկնքին նայելիս նա տեսավ, որ աստղերը ցածրացել են։ Լուսաբացն այս ամսին միանգամից է վրա հասնում։

― Ռոբերտո, ― ասաց Մարիան։

― Այո՛։

― Այսօրվա գործին միասին կլինենք, չէ՞։

― Վերջոռմ՝ այո։

― Ո՛չ, հենց սկզբից։

― Սկզբում ձիերին կպահես։

― Չե՞մ կարող քեզ հետ լինել։

― Ո՛չ։ Իմ գործը մենակ պիտի արվի, թե չէ ես ստիպված կլինեմ քո մասին հոգալու։

― Բայց հենց որ վերջացնես, անմիջապես կվերադառնա՞ս։

― Անմիջապես, ― ասաց ու քմծիծաղեց մթության մեջ։ ― Գնացինք, guapa, գնանք մի բան ուտենք։

― Իսկ ննջապա՞րկդ։

― Հավաքիր, եթե հաճելի է։

― Հաճելի է, ― ասաց նա։

― Օգնե՞մ։

― Ոչ։ Թող ինքս անեմ։

Աղջիկը չոքեց, որպեսզի հարթի ու հավաքի ննջապարկը, հետո միտքը փոխեց, կանգնեց և մի ծայրից բռնեց ու թափ տվեց։ Հետո նորից չոքեց, որպեսզի հարթի ու հավաքի։ Ռոբերտ Ջորդանը զգուշությամբ վերցրեց ուսապարկերը, այնպես, որ պատռվածքներից ոչ մի բան չընկնի և սոճիների արանքներով գնաց դեպի քարայրի ծխապատ տապճակով ծածկված մուտքը։ Ժամը երեքից տասը րոպե էր պակաս, երբ արմունկով մի կողմ արեց տապճակը և մտավ քարայր։

Գլուխ երեսունութերորդ

Քարայրում էին, տղամարդիկ կանգնած էին օջախի մոտ, Մարիան կրակն էր բորբոքում։ Պիլարն արդեն պատրաստել էր սուրճը։ Ռոբերտ Ջորդանին արթնացնելուց հետո այլևս անկողին չէր մտել, հիմա էլ, նստած աթոռին, ուսապարկերի պատռվածքներն էր կարկատում։ Մեկն արդեն կարել էր։ Կրակի լույսն ընկել էր դեմքին։

― Էլի միս վերցրու, ― ասաց նա Ֆերնանդոյին։ ― Լավ լցրու փորդ, արդեն միևնույն է։ Բժիշկ չկա, որ վիրահատի, եթե պոզահարվես։

― Ի՞նչ ես դուրս տալիս, կի՛ն, ― ասաց Ագուստինը։ ― Այդ ինչ պոռնիկի լեզու է քո լեզուն։

Նա հենվել էր սրունքների արանքն առած ձեռքի գնդացրին, ― գրպանները լիքը նռնակներ էր, մի ուսից կախված էր սկավառակներով լցված պարկը, մյուսից՝ փամփուշտով լի մի պայուսակ։ Մի ձեռքին սուրճի թասն էր, մյուսին՝ սիգարետը, ծուխը փչում էր սուրճի վրա ու խմում։

― Ոնց որ երկաթեղենի խանութ լինես, ― ասաց նրան Պիլարը։ ― Հարյուր յարդ էլ չես գնա քո այդ բեռով։

― Que va, կի՛ն, ― ասաց Ագուստինը։ ― Ներքև ենք, չէ՞, գնալու։

― Բայց նախ պիտի բարձրանանք վերևի պահակակետը, ― ասաց Ֆերնանդոն։ ― Հետո ենք ներքև գնալու։

― Կբարձրանամ այծի պես, ― ասաց Ագուստինը։ ― Իսկ եղբայրդ ո՞ւր է, ― հարցրեց Էլադիոյին։ ― Ծլկել է, հա՞, հռչակավոր եղբայրդ։

Էլադիոն կանգնած էր պատի տակ։

― Ձենդ կտրի՛ր, ― ասաց նա։

Նա ջղագրգիռ վիճակում էր, և նրան թվում էր, որ բոլորն էլ զգում են այդ։ Մարտից առաջ նա միշտ այդպես էր լինում՝ ջղային, բարկացկոտ։ Նա հեռացավ պատից, եկավ կանգնեց սեղանի կողքին դրված կաշեպատ կողովի մոտ և սկսեց դրա միջից գրպանները նռնակ լցնել։

Ռոբերտ Ջորդանը պպզեց նրա կողքին, զամբյուղի մոտ ու չորս նռնակ վերցրեց։ Երեքը միլս էին՝ ձվաձև, խորդուբորդ կողերով, չուգունից, ձգանն ակոսիկի մեջ սեպիկով ամրացված։

― Որտեղի՞ց սրանք, ― հարցրեց Էլադիոյին։

― Դրա՞նք։ Դրանք Հանրապետությունից են։ Ծերուկն է բերել։

― Ո՞նց են։

― Valen mas que pesan,[127] ― ասաց Էլադիյոն։ ― Գանձ են։

― Ես եմ բերել, ― ասաց Անսելմոն։ ― Ամեն պարկի մեջ վաթսուն հատ էր։ Իննսուն ֆունտ, Ingles:

― Օգտագործե՞լ եք, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը Պիլարին։

― Que va, օգտագործել ենք, բա ո՞նց, ― ասաց կինը։ ― Դրանցով էր, որ Պաբլոն Օտերոյի պահակակետը ոչնչացրեց։

Պաբլոյի անունը որ տվեց, Ագուստինն սկսեց հայհոյել։ Կրակի լույսի տակ Ռոբերտ Ջորդանը տեսավ Պիլարի դեմքի արտահայտությունը։

― Վերջացրո՛ւ, ― ասաց նա։ ― Այդ խոսքերից օգուտ չկա։ Անխափան պայթե՞լ են միշտ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը՝ գորշավուն նռնակը պահած ձեռքին ու բթամատի եղունգով սեպիկի հետ խաղալով։

― Միշտ, ― ասաց Էլադիոն։ ― Ինչքան գործածել ենք, չի եղել դեպք, որ չպայթի։

― Իսկ արա՞գ է պայթում։

― Ընկնելն ու պայթելը մեկ է լինում։ Արագ, բավական արագ։

― Իսկ սրա՞նք։ ― Նա վերցրել էր պահածոյի տուփ հիշեցնող մի նռնակ, որ մետաղալարով էր փաթաթված։

― Աղբ են, ― ասաց Էլադիոն։ ― Պայթում են, ճիշտ է։ Բայց ի՞նչ, ուժեղ լույս և ոչ մի բեկոր։

― Բայց միշտ պայթո՞ւմ են։

― Que va, միշտ, ― ասաց Պիլարը։ ― Ոչ մեր նռնակներն են միշտ պայթում, ոչ էլ նրանց։

― Բայց դուք ասացիք, որ մյուսները միշտ պայթել են։

― Ես չասացի, ― ասաց Պիլարը։ ― Դու նրան հարցրեցիր, ոչ թե ինձ։ Ես չեմ տեսել, որ դրանք միշտ պայթում են։

― Բոլորն էլ պայթել են, ― պնդեց Էլադիոն։ ― Ինչո՞ւ ճիշտը չես ասում, կի՛ն։

― Որտեղի՞ց գիտես, որ պայթում են, ― հարցրեց Պիլարը։ ― Պաբլոն է դրանք գցել։ Չէ՞ որ Օտերոյում դու ոչ մի հոգու չես սպանել։

― Այդ պոռնկի ծնունդը, ― սկսեց Ագուստինը։

― Հանգիստ թող, ― կարճ կտրեց նրան Պիլարը։ Հետո շարունակեց․ ― Բոլորն էլ նույնն են, Ingles: Բայց այդ խորդուբորդ կողերովն ավելի հարմար է։

Երևի զույգ֊զույգ գցեմ, ճիշտը դա կլինի, յուրաքանչյուրից մեկ հատ։ Բայց խորդուբորդ կողերովն ավելի հեշտ է շպրտել, և, երևի, ավելի հուսալի է։

― Ի՞նչ է, նռնա՞կ ես գցելու, Ingles, ― հարցրեց Ագուստինը։

― Գուցե, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Բայց, չոքած, այդտեղ, նռնակներ ջոկջոկելով, նա մտածում էր, որ դա անհնար է։ Չեմ հասկանում, թե ո՞նց ինքս ինձ մոլորության մեջ գցեցի։ Մենք այն ժամանակ էինք արդեն կործանված, երբ նրանք հարձակվեցին Սորդոյի վրա, ինչպես որ Սորդոն էլ կործանված էր, երբ ձյունը դադարեց։ Բայց տես որ ընդունել դա դու չես կարող։ Դու քո գործը պիտի անես, պիտի պլան կազմես, իմանալով հանդերձ, որ անհնար է այն իրագործել։ Կազմել ես, և հիմա գիտես, որ բանի պետք չէ։ Հիմա, որ լույսը բացվել է, արդեն բանի պետք չէ։ Այս եղած մարդկանցով երկու պահակակետերից որն էլ ասես դու հաջողությամբ կարող ես գրավել։ Բայց երկուսը միաժամանակ չես կարող։ Համենայն դեպս, վստահ չես կարող ասել։ Մի փորձիր ինքդ քեզ խաբել։ Լույսով այդ գործը հնարավոր չէ։

Փորձել երկուսն էլ գրավել անիմաստ է։ Պաբլոն այդ բանը հենց սկզբից էլ գիտեր։ Ինձ թվում է, որ նրա մտքում միշտ էլ եղել է ծլկելը, իսկ երբ Սորդոյին խփեցին, նա արդեն համոզվեց, որ մեր ճաշը եփված է։ Չի կարելի հրաշքների վրա հույս դնելով գործ ձեռնարկել։ Դու սրանց բոլորին կզոհես ու կամուրջն էլ չես կարողանա պայթեցնել, եթե այսքանդ լինեք։ Դու կզոհես Պիլարին, Անսելմոյին, Ագուստինին, Պրիմիտիվոյին, այս երկչոտ Էլադիոյին, անպիտան գնչուին, ծերուկ Ֆերնանդոյին և կամուրջն էլ չես պայթեցնի։ Քեզ թվում է, թե հրա՞շք տեղի կունենա, թե Գոլցը Անդրեսից կստանա քո զեկուցագիրն ու հարձակումը կհետաձգի՞։ Եթե տեղի չունեցավ, ուրեմն այդ հրամանի պատճառով կործանելու ես այս մարդկանց։ Նաև Մարիային։ Նրան էլ ես կործանելու այդ հրամանի պատճառով։ Չե՞ս կարող գոնե նրան փրկել։ Դժոխքի ծոցը գնաս դու, Պաբլո՛։

Չէ՛։ Մի՛ զայրանա։ Զայրույթը նույնքան վատ է, ինչքան վախը։ Աղջկա ծոցը մտնելու փոխարեն, դու պիտի ելնեիր, վերցնեիր այդ կնոջը և գիշերով սարերն ընկած մարդ ճարեիր, որպեսզի կարողանայիր գործը գլուխ բերել։ Այո, մտածեց նա։ Իսկ եթե մի բան պատահեր ինձ, ո՞վ էր պայթեցնելու։ Այո։ Դա էլ կա։ Դրա համար տեղիցդ չշարժվեցիր։ Ուրիշին էլ չէիր կարող ուղարկել, որովհետև, եթե մի բան պատահեր, մի հոգի ևս կպակասեր։ Պիտի գոնե եղածները պահեիր, որ թեկուզ այդքանով ծրագիրդ կարողանայիր իրագործել։ Բայց քո ծրագրից վատ հոտ է փչում։ Վատ հոտ է փչում, քեզ բան եմ ասում։ Այդ ծրագիրը գիշերն ես կազմել, իսկ հիմա առավոտ է։ Գիշերով կազմած ծրագիրը առավոտյան բանի պետք չի գալիս։ Գիշերվա խորհուրդը առավոտյան պիտանի չէ։ Ահա, հիմա էլ, տեսնում ես, պիտանի չէ։

Իսկ Ջոն Մոսբին կարողացե՞լ է այդպիսի անհնարին վիճակներից դուրս գալ։ Անշուշտ կարողացել է։ Ավելի դժվարին վիճակներից էլ։ Եվ հիշիր՝ պետք չէ թերագնահատել հանկարծակիության տարրը։ Դու դա հիշի՛ր։ Հիշի՛ր, դա անմտություն չէ, եթե կարողանաս ամեն ինչ անսխալ անել, ոնց որ պետք է։ Բայց քեզնից այլ բան է պահանջվում։ Դու պետք է ոչ թե անես այն, ինչ հնարավոր է, այլ ինչ պահանջվում է, և անպայման։ Բայց ոնց ամեն ինչ շուռ եկավ։ Ասենք հենց սկզբից էլ ամեն ինչ սխալ էր, այսպիսի բաները ձյունահոսերի են նման՝ ինչքան գլորվում են, այնքան ընդգծվում է կործանարարությունը։

Չոքած տեղից նայեց Մարիային, աղջիկը ժպտաց։ Ինքն էլ ժպտաց, չորս նռնակ էլ ջոկեց ու դրեց գրպանները։ Դետոնատորները կարելի է հանել և միայն նռնակներ օգտագործել, մտածեց նա։ Կարծում եմ, արդյունքը լավ կլինի։ Պայթյունի ուժը կավելանա, եթե սրանք էլ ավելանան եղած պայթուցիկին։ Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Համոզված եմ։ Վստահիր ուժերիդ, գոնե մի քիչ, ― ասաց ինքն իրեն։ ― Դու էիր, չէ՞, երեկ գիշեր պապիդ հետ միասին առյուծ կտրել, հորդ էլ վախկոտ դարձրել։ Դե՛, վստահիր ուժերիդ։

Նորից ժպտաց Մարիային, բայց դա դեռևս ժպիտ չէր, ընդամենը այտերի ու բերանի կողքերի մաշկն էր ձգվել։

Նա կարծում է, որ դու հրաշք ես, մտածեց նա։ Իսկ ես կարծում եմ, որ դու կղանք ես։ Քո այդ gloria֊ն էլ, քո բոլոր անհեթեթություններն էլ։ Հրաշալի մտքեր ունեիր գլխումդ, չէ՞։ Աշխարհի բոլոր հարցերը վճռում էիր, չէ՞։ Գրողի ծոցը այդ ամենը։

Լավ, հանգստացի՛ր, ասաց ինքն իրեն։ Մի՛ կատաղիր։ Ասենք դա էլ է վիճակից դուրս գալու ուղի։ Այդպիսի ուղիներ միշտ էլ կլինեն։ Կարող ես նստել հիմա ու եղունգներդ կրծել։ Կարիք չկա ժխտելու այն ամենը, ինչ եղել է, լոկ այն պատճառով, որ հիմա կորցնում ես դրանք։ Ինքդ քեզ մի խնայիր, ոնց որ ողնաշարը ջարդված օձ․ քո ողնաշարը դեռ չեն ջարդել, շո՛ւն։ Թող խփեն՝ նոր լաց եղիր։ Կռիվը թող սկսվի, նոր կատաղիր։ Կռվի ընթացքում շատ առիթներ կլինեն կատաղելու։ Այն ժամանակ օգտվիր դրանից։

Պիլարը ուսապարկը ձեռքին մոտեցավ նրան։

― Ուզածիդ պես ամուր է հիմա, ― ասաց նա։ ― Դրանք շատ լավ նռնակներ են, Ingles: Կարող ես վստահ լինել։

― Ո՞նց ես, կին։

Պիլարը նայեց նրան, գլուխը թափ տվեց ու ժպտաց։ Տեսնես, մտածեց, շինծու ժպիտ է, թե իսկական։ Երևում է իսկական է։

― Լավ, ― ասաց կինը։ ― Dentro de la gravedad: ― Հետո պպզեց Ռոբերտ Ջորդանի կողքին ու հարցրեց․ ― Հիմա որ սկսվել է արդեն, դու ի՞նչ ես կարծում։

― Քչվոր ենք, ― արագ պատասխանեց նա։

― Ես էլ եմ այդպես կարծում, ― ասաց կինը։ ― Շատ քիչ ենք։ ― Հետո, նորից միայն նրան, ասաց․ ― Մարիան մենակ էլ կարող է ձիերը պահել։ Իմ կարիքը չկա այդտեղ։ Ոտնակապերը կգցենք ու կթողնենք։ Հեծելազորի ձիեր են, կրակոցներից չեն խրտնի։ Ես կգնամ ներքևի պահակակետը, և ինչ֊որ Պաբլոն էր անելու, ես կանեմ։ Այսպիսով մի հոգով կավելանանք։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ես մտածում էի, որ դու այդ առաջարկությունը կանես։

― Հա, Ingles, ― ասաց Պիլարը շեշտակի նայելով նրան։ ― Մի՛ անհանգստանա։ Ամեն ինչ լավ կլինի։ Հիշիր, որ նրանք այսպիսի բան չեն սպասում։

― Ճիշտ ես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Մի բան էլ, Ingles, ― ցածրաձայն ասաց Պիլարը, այնքան ցածրաձայն, որքան կարող էր լինել նրա խռպոտ ձայնը։ ― Ձեռքիդ ափի մասին, որ․․․

― Ի՞նչ ձեռքի ափ, ― ասաց նա զայրացած։

― Չէ, լսի՛ր։ Մի՛ զայրանա, մանչուկս։ Ափիդ մասին է խոսքս։ Այդ ամենը գնչուական անմտություն էր, ուզում էի աչքիդ բարձրանալ։ Ոչ մի բան էլ չկար։

― Լավ, հանգիստ թող, ― ասաց նա անհույզ։

― Ոչ, ― ասաց կինը խռպոտ ու մեղմ ձայնով։ ― Անմիտ սուտ էր, որ հորինեցի։ Չեմ ուզում, որ այսօր, կռվի օրով, դու անհանգստանաս։

― Ես անհանգստացած չեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Ոչ, ingles, ― ասաց նա։ ― Դու շատ ես անհանգստացած, և անհանգստացած ես արդար դատի համար։ Բայց ամեն ինչ լավ կլինի, Ingles: Մենք սրա համար ենք աշխարհ եկել։

― Ես քաղաքական կոմիսարի կարիք չունեմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Կինը նորից ժպտաց նրան, հաճելի ու անկեղծ մի ժպիտով, կոշտ ու պռոշտ շրթունքները լայն բաց արած, և ասաց․

― Ես քեզ շատ եմ սիրում, Ingles:

― Հիմա ինձ դա պետք չէ, ― ասաց նա։ ― Ni tu, ni dios:[128]

― Այո, ― ասաց Պիլարը խուլ շշնջոցով։ ― Գիտեմ։ Պարզապես ուզեցի ասել։ Դու մի՛ անհանգստանա։ Ամեն ինչ լավ կլինի։

― Ինչո՞ւ չպիտի լինի, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և երեսի մաշկը թեթև կծկվեց ժպիտից։ ― Անպայման լավ կլինի։ Ամեն ինչ լավ կլինի։

― Ե՞րբ ենք շարժվում, ― հարցրեց Պիլարը։

Ռոբերտ Ջորդանը նայեց ժամացույցին։

― Թեկուզև հիմա, ― ասաց նա։

Ուսապարկերից մեկը երկարեց Անսելմոյին։

― Ո՞նց ես, ծերո՛ւկ, ― հարցրեց։

Ծերունին վերջին սեպն էր տաշում, դա Ռոբերտ Ջորդանի հանձնարարությունն էր։ Պետք էր մի քանի սեպ էլ ավել ունենալ։

― Լավ եմ, ― ասաց ծերունին ու գլխով արեց։ ― Առայժմ լավ եմ։ ― Ձեռքերը առաջ պարզեց։ ― Նայի՛ր, ― ասաց ու ժպտաց։ Ձեռքերը չէին դողում։

― Bueno, y que?[129] ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ամբողջ ձեռքս ես էլ կարող եմ պահել, ու չի դողա։ Ցցիր միայն մի մատդ։

Անսելմոն ցցեց մի մատը։ Մատը դողում էր։ Նա նայեց Ռոբերտ Ջորդանին ու գլուխը թափ տվեց։

― Իմն էլ, ահա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և մատը ցցեց։ ― Միշտ էլ դողացել է։ Բնական բան է։

― Ես այդպիսի բան չգիտեմ, ― ասաց Ֆերնանդոն և ցցեց նախ աջ, ապա ձախ ցուցամատը։

― Իսկ թքել կարո՞ղ ես, ― հարցրեց Ագուստինն ու աչքով արեց Ռոբերտ Ջորդանին։

Ֆերնանդոն կոկորդը մաքրեց և, հպարտ֊հպարտ, գունդ թքեց հատակին, հետո սկսեց ոտով տրորել։

― Ի՞նչ ես անում, կեղտոտ ջորի, ― ասաց Պիլարը։ ― Քաջությունդ ես ցույց տալի՞ս, թքի՛ր, օջախի մեջ։

― Ես հատակին չէի թքի, Պիլար, եթե այս վայրը լքելու չլինեինք, ― վերամբարձ տոնով ասաց Ֆերնանդոն։

― Դե տես, որ այսօր թքելիս զգույշ լինես, ― ասաց Պիլարը։ ― Չլինի այնպիսի մի տեղ թքես, որտեղից չկարողանաս հետո հեռանալ։

― Այս կինը ոնց որ սև կատու լինի, ― ասաց Ագուստինը։ Նրա ջղագրգռությունը դրսևորվում էր կատակելու ցանկությամբ, այլապես նույն հոգեկան վիճակում էր, ինչ մյուսները։

― Կատակում եմ, ― ասաց Պիլարը։

― Ես էլ, ― ասաց Ագուստինը։ ― Բայց me cago la leche, ո՞ւր էր, շուտ սկսեինք այս գործը։

― Գնչուն որտե՞ղ է, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը Էլադիոյին։

― Ձիերի մոտ, ― ասաց Էլադիոն։ ― Քարայրի մուտքից երևում է։

― Նա ո՞նց է։

Էլադիոն քմծիծաղեց․

― Լավ վախեցած է, ― ասաց։ Խոսելով ուրիշի վախի մասին, նա սրտապնդվեց։

― Լսի՛ր, Ingles... ― սկսեց Պիլարը։

Ռոբերտ Ջորդանը նայեց նրան և տեսավ, որ կնոջ բերանը բաց էր մնացել, սեփական աչքերին չհավատացող մարդու արտահայտություն էր գծագրվել նրա դեմքին, արագ շրջվեց դեպի քարայրի մուտքն ու ձեռքը տարավ ատրճանակին։ Կանգնել էր Պաբլոն այդտեղ՝ տապճակը ձեռքով մի կողմ քաշած, ավտոմատի փողը ուսից վեր ցցված, կարճահասակ, թիկնեղ, մազակալած երեսով ու նայում էր իրենց՝ իր փոքր, կարմրած կոպերով աչքերն առանց որևէ մեկի վրա որոշակիորեն հառելու։

― Դո՞ւ․․․ ― աչքերին չհավատալով ասաց Պիլարը։ ― Դո՞ւ ես։

― Ես եմ, ― հանգիստ ասաց Պաբլոն։ Ներս եկավ։ ― Hola, Ingles, ― ասաց։ ― Հետս հինգ հոգի եմ բերել, Էլիասի ու Ալեխանդրոյի խմբերից, իրենց ձիերով։

― Իսկ պայթուցի՞չը, դետոնատորնե՞րը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Մնացած իրեր՞րը։

― Գցել եմ քարափից, գետը, ― ասաց Պաբլոն՝ շարունակելով նայել անորոշ ուղղությամբ։ ― Բայց մտածել եմ, հնար կա, կարելի է նռնակով։

― Դա ես էլ եմ մտածել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Խմելու բան ունե՞ս, ― հոգնած հարցրեց Պաբլոն։

Ռոբերտ Ջորդանը մեկնեց նրան իր տափաշիշը, Պաբլոն մի քանի կում արեց ու ձեռքի երեսով սրբեց բերանը։

― Ի՞նչ է կատարվում քեզ հետ, ― հարցրեց Պիլարը։

― Nada, ― ասաց Պաբլոն՝ նորից սրբելով բերանը, ― ոչինչ։ Վերադարձել եմ։

― Բայց ի՞նչ։

― Ոչինչ։ Թուլության մի պահ էր։ Թողեցի֊գնացի, հիմա վերադարձել եմ։ ― Դարձավ Ռոբերտ Ջորդանին։ ― En el fondo no soy cobarde, ― ասաց նա։ ― Խորքիս մեջ վախկոտ եմ։

Բայց շատ ու շատ ուրիշ բաներ ես, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Անիծված լինեմ, թե ճիշտ չեմ։ Ուրախ եմ, սակայն, որ նորից եմ տեսնում քեզ, շանորդի շուն։

― Հինգ հոգու միայն կարողացա բերել Էլիասի ու Ալեխանդրոյի մոտից, ― ասաց Պաբլոն։ ― Ձիուց չեմ իջել այստեղից գնալուց հետո։ Ինը հոգով դուք այս գործը գլուխ չէիք կարող բերել։ Երբեք։ Ես այդ բանը երեկ գիշեր հասկացա, երբ Ingles֊ը բացատրում էր։ Գլուխ չէիք բերի։ Երբեք։ Ներքևի պահակակետում յոթ զինվոր են, մեկ էլ կապրալը։ Ասենք ահազանգեցին կամ հրաձգություն սկսվեց։ ― Հիմա նա նայում էր Ռոբերտ Ջորդանին։ ― Ես կարծում էի, թե իմ գնալուց հետո դու կհասկանաս, որ այս գործը գլուխ բերելն անհնար է, ու կհրաժարվես։ Հետո որ իրերդ գցեցի, սկսեցի ուրիշ ձևով մտածել։

― Ուրախ եմ, որ նորից եմ տեսնում քեզ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Նա մոտեցավ Պաբլոյին։ ― Նռնակներով էլ կարող ենք պայթեցնել։ Կլինի։ Ոչինչ, որ մյուս իրերը չկան։

― Ո՛չ, ― ասաց Պաբլոն։ ― Ես քեզ համար ոչինչ չէի անի։ Դու չարիքի արմատ ես։ Ինչ փորձանք որ գալիս է, դու ես պատճառը։ Սորդոյինն էլ։ Բայց երբ իրերդ գցեցի, մենակ զգացի ինձ, շատ մենակ։

― Քո մերը․․․ ― ասաց Պիլարը։

― Դրա համար էլ գնացի մարդ ճարեցի, որպեսզի գործը գլուխ գա։ Բերել եմ ամենալավերին։ Ասել եմ մնան բարձունքում, մինչև հետդ խոսեմ։ Նրանք կարծում են, որ ես եմ հրամանատարը։

― Դու ես, ― ասաց Պիլարը։ ― Եղի՛ր, եթե ուզում ես։

Պաբլոն նայեց կնոջը և ոչ մի խոսք չարտասանեց։ Հետո պարզ ու հանգիստ ասաց․

― Սորդոյի դեպքից հետո շատ եմ մտածել։ Համոզվեցի, որ եթե մեռնելու ենք, ուրեմն միասին պետք է մեռնենք։ Բայց քեզ, Ingles, ատում եմ, դո՛ւ այս աղետը բերիր մեր գլխին։

― Բայց Պաբլո․․․ ― սկսեց Ֆերնանդոն՝ գրպանները նռնակներով լցրած, փամփշտակալն ուսից գցած և հացի կտորով տակավին ամանը սրբելով։ ― Դու չե՞ս հավատում գործողության հաջողությանը։ Երեկ չէ առաջի գիշերը դու ասում էիր, թե համոզված ես, որ հաջող կլինի։

― Միս ավելացրու դրա ամանի մեջ, ― չարացած ասաց Պիլարը Մարիային, հետո մեղմ հայացքով դարձավ Պաբլոյին․ ― Ուրեմն վերադարձա՞ր։

― Այո, կին, ― ասաց Պաբլոն։

― Լավ է, բարով ես եկել, ― ասաց Պիլարը։ ― Ես չէի հավատում, որ դու կործանված մարդ ես, ինչպես թվում էիր։

― Ես այդ բանն արեցի և հետո այնպես ինձ մենակ զգացի, որ չկարողացա դիմանալ, ― հանգիստ ասաց Պաբլոն։

― Չկարողացա՜ դիմանալ, ― ծաղրեց Պիլարը։ ― Դու նույնիսկ տասնհինգ րոպե մենակ չես դիմանա։

― Մի՛ ծաղրիր կին։ Չէ՞ որ արդեն վերադարձել եմ։

― Եվ բարով ես եկել, ― ասաց Պիլարը։ ― Արդեն մի անգամ ասել եմ, չե՞ս լսել։ Խմի՛ր, սուրճդ ու գնանք։ Հոգնեցի այս թատրոնից։

― Սո՞ւրճ է։

― Անշուշտ, ― ասաց Ֆերնանդոն։

― Լցրո՛ւ, Մարիա, ― ասաց Պաբլոն։ ― Դու ո՞նց ես, ― հարցրեց նա առանց նայելու աղջկան։

― Լավ, ― ասաց Մարիան ու թասով սուրճ բերեց նրան։ ― Միս ուզո՞ւմ ես։ ― Պաբլոն գլուխը թափ տվեց։

― No me gusta estar solo, ― Պաբլոն շարունակեց բացատրություն տալ Պիլարին, այնպես, կարծես մյուսներն այդտեղ չլինեին։ ― Չեմ սիրում մենակ լինել, sabes?[130] Երեկ ամբողջ օրը ձիուց ցած չեմ իջել, և ոչ մի հոգնածություն չէի զգում, որովհետև մեր ընդհանուր գործի համար էի անում այդ բանը։ Բայց այս անցած գիշե՜րը։ Hombre! Que mal lo pase:[131]

― Քո նախնին՝ Հուդա Իսկարիովտացին, կախեց իրեն, ― ասաց Պիլարը։

― Այդպես մի՛ խոսիր, կի՛ն, ― ասաց Պաբլոն։ ― Չե՞ս տեսնում։ Վերադարձել եմ։ Ի՞նչ կարիք կա Հուդայի կամ այդ բաների մասին խոսելու։ Վերադարձել եմ։

― Այդ բերածներդ ի՞նչ մարդիկ են, ― հարցրեց Պիլարը։ ― Արժե՞ր բերել։

― Son buenos, ― ասաց Պաբլոն և մի պահ հանդգնեց ուղիղ նայել Պիլարի աչքերին, հետո նորից շրջեց հայացքը։

― Buenos y bobos: Լավ և հիմար։ Պատրաստ են մեռնելու, պատրաստ են ինչի ասես։ A tu gusto: Քո ճաշակի։ Դու սիրում ես այդպիսիներին։

Պաբլոն նորից նայեց Պիլարի աչքերին և այս անգամ հայացքը չփախցրեց։ Փոքր, կարմրած կոպերով խոզի աչքերը հառեց կնոջ վրա ու մնաց։

― Դո՜ւ, ― ասաց կինը, և նրա խռպոտ ձայնը նորից քնքշությամբ համակվեց։ ― Դո՜ւ։ Իմ կարծիքով, եթե մարդը ժամանակին ինչ֊որ բան ունեցել է, հետո ինչքան էլ անցնի, ինչ֊որ բան այնուամենայնիվ կմնա։

― Listo,[132] ― ասաց Պաբլոն՝ արդեն ուղիղ և անթարթ նայելով կնոջը։ ― Պատրաստ եմ, ինչ լինելու է՝ լինի։

― Հիմա ես հավատում եմ, որ վերադարձել ես, ― ասաց Պիլարը։ ― Հավատում եմ։ Բայց դու հեռո՜ւ, շա՜տ հեռու էիր մեկնել, Hombre:

― Տո՛ւր մի կում անեմ քո այդ շշից, ― ասաց Պաբլոն Ռոբերտ Ջորդանին։ ― Եվ արդեն գնանք։

==Գլուխ երեսունութերորդ

Գլուխ երեսունիններորդ

Մթության մեջ բարձրացան սարալանջն ի վեր, հետո դուրս եկան անտառից ու նեղ կիրճի կողքով գնացին առաջ։ Կքած ծանր բեռների տակ՝ նրանք դանդաղ շարժվում էին։ Ձիերն էլ էին բեռնված։

Ձիերի բեռները կարող ենք գցել, ― ասաց Պիլարը, ― եթե անհրաժեշտ լինի։ Վերցրել եմ, որովհետև կարող են պետք գալ նոր ճամբարում։

― Այս խուրջինների մեջ։

Ռոբերտ Ջորդանը կքել էր ուսապարկի տակ, նռնակներով ծանրացած բաճկոնի օձիքը սեղմում էր վիզը, ատրճանակը խփում ազդրին, ավտոմատի պահեստատուփերով խցկված շալվարի գրպաններն ուռել էին։ Սուրճի համը տակավին մնում էր բերանում։ Աջ ձեռքին ավտոմատն էր, ձախով բաճկոնի օձիքն իջեցրեց և անցկացրեց ուսապարկի փոկերի տակ, որպեսզի դրանք ուսերը չկտրեն։

― Ingles, ― ասաց մթության մեջ կողքով քայլող Պաբլոն։

― Ի՞նչ է, բարեկամ։

― Այս մարդիկ, որ եկել են հետս, կարծում են, թե գործը հաջող կլինի, որովհետև ես եմ նրանց բերել, ― ասաց Պաբլոն։ ― Դու այնպիսի բան չասես, որ հիասթափվեն։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Բայց պիտի այնպես անենք, որ հաջող լինի։

― Հինգ ձի ունեն, Sabes? ― զգուշավորությամբ ասաց Պաբլոն։

― Լավ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կպահենք մեր ձիերի հետ։

― Լավ, ― ասաց Պաբլոն ու լռեց։

Ես չեմ կարծում, իհարկե, որ Տարսոնի ճանապարհին դու լրիվ դարձի ես եկել, Պաբլո՛, բարեկամս, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Չէ՛։ Այն, որ վերադարձել ես, դա համարյա հրաշք է, սակայն չեմ կարծում, որ երբևէ հարց առաջանա քեզ սրբացնելու։

― Ներքևի պահակակետը, որ Սորդոն պետք է խփեր, ես այս հինգի հետ կգրավեմ, ― ասաց Պաբլոն։ ― Լարերը կկտրեմ ու կգամ կամուրջ, ոնց որ պայմանավորվել էինք։

Այս հարցի մասին մի քանի րոպե առաջ արդեն խոսել ենք, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Տեսնես նորից ինչո՞ւ այս․․․

― Գրեդոս գնալու հնարավորություն կա, ― ասաց Պաբլոն։ ― Իրոք կա, ես այդ մասին երկար եմ մտածել։

Երևի սրա գլխում մի նոր լուսավոր միտք է ծագել, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Մի նոր հայտնություն։ Բայց որ ուզում ես համոզել ինձ, թե ես էլ եմ այնտեղ հրավիրվածների թվում, չէ՛, Պաբլո՛, թույլ տուր չհավատալ։

Այն պահից, երբ Պաբլոն մտել էր քարայր ու ասել, որ հետը հինգ հոգի է բերել, Ռոբերտ Ջորդանի տրամադրությունը բարձրացել էր։ Պաբլոյի վերադարձից հետո չքացել էր գործողության վախճանի ողբերգական հեռանկարը, որը տանջում էր նրան այն րոպեից, երբ սկսեց ձյուն տեղալ։ Մտածում էր, որ բախտը երես է դարձրել իրենից, թեև չէր հավատում բախտին, բայց եկավ Պաբլոն և ամեն ինչ շրջվեց դեպի լավը, զգաց, որ լցվում է հաջողության հավատով, այնպես, ինչպես անվադողն է օդով լցվում, երբ փչում են պոմպով, սկզբում աննկատ, հետո կամաց֊կամաց բարձրանում է, բարձրանում, ինչպես ծովը մակընթացության ժամանակ, ինչպես ավիշը ծառի մեջ։ Եվ, ահա, բարձրանում էր իր մեջ բոլոր վատ նախազգացումներն հերքող այդ հավատը, որը հաճախ էր մարտերից առաջ գալիս ու այսպես երջանկության զգացողությամբ լցնում ողջ էությունը։

Սա մեծագույն պարգև էր, մի շնորհ, որը շատ էր պետք եկել պատերազմի ընթացքում։ Դա այն էր, որ նա կարող էր արհամարհել գործի վատ վախճանի հնարավորությունը, առանց, սակայն, անտեսելու այն։ Բայց վերջերս այս հատկությունն սկսել էր կորցնել, պատճառը ուրիշների կյանքի համար պատասխանատու լինելու հանգամանքը և գործողությունների անպետք կամ թերի ծրագրումներն էին։ Երբեք չի կարելի անտեսել գործի ձախողության, վատ վախճանի հնարավորությունը։ Դա մի անձի ապահովության հարց չէ, անձը կարելի է։ Անձը ոչինչ։ Նա ավելի քան համոզված էր, որ դա այդպես է։ Թեև վերջին մի քանի օրը հասկացավ, որ մի այլ անձի հետ ինքը կարող է դառնալ ամեն ինչ։ Բայց ներքուստ գիտեր, որ սա բացառություն էր։ Մի բան էր՝ վիճակվեց մեզ, մտածեց նա։ Այդտեղ իմ բախտը բերեց։ Եվ դա ինձ պարգևեց թերևս այն պատճառով, որ երբեք չէի խնդրել։ Դա ոչ ոք չի կարող խլել ինձանից, ոչ էլ երբևիցե կկորցնեմ։ Բայց այս առավոտ դա արդեն անցավ֊գնաց և հիմա մեզ մնում է միայն մի բան՝ անել հանձնարարված գործը։

Իսկ հիմա դառնանք քեզ, ասաց ինքն իրեն, ես ուրախ եմ, որ դու քիչ առ քիչ նորից ես ձեռք բերում այն, ինչի պակասն այնպես ահավոր զգացվում էր որոշ ժամանակ։ Բայց սարսափելի ընկճված էիր։ Եղավ մի պահ, որ լավ ամաչեցի քեզ համար։ Բայց այդ դու ասածս ես էի։ Ուրիշ ես չկար, որ դատեր քեզ։ Մենք երկուսս էլ սարսափելի ընկճված էինք։ Եվ դու, և ես, և երկուսս միասին։ Դե լա՛վ։ Վերջ տուր շիզոֆրենիկի այդ մտածելակերպին։ Հիմա մեկն էլ է բավական։ Ա՛յ, վերստին կարգին մարդ դարձար։ Բայց լա՛վ լսիր՝ աղջկան պետք է մտքիցդ հանես այսօր։ Դու նրան պիտի պահպանես, իսկ դա կարող ես անել միայն մի ձևով՝ հեռու պահելով, և այդպես էլ կանես։ Ձիերը, ինչպես երևում է բոլոր նշաններից, կբավարարեն։ Լավագույն բանը, որ դու կարող ես անել աղջկա համար՝ գործդ կարգին և արագ գլուխ բերելն է ու այստեղից հեռանալը, իսկ նրանով ուղեղդ զբաղեցնելը կարող է միայն խանգարել։ Այնպես որ՝ նրա մասին այլևս չմտածես։

Այս խորհրդածություններից հետո կանգ առավ և սպասեց, մինչև որ Մարիան Պիլարի, Ռաֆայելի ու ձիերի հետ եկավ հասավ իրեն։

― Հը, guapa, ― ասաց աղջկան մթության մեջ, ― ո՞նց ես։

― Լավ եմ, Ռոբերտո, ― ասաց նա։

― Չանհանգստանաս, ― ասաց աղջկան և ավտոմատը վերցնելով ձախ ձեռքը՝ աջը դրեց նրա ուսին։

― Չեմ անհանգստանում, ― ասաց աղջիկը։

― Շատ լավ է ամեն ինչ կազմակերպված, ― ասաց աղջկան։ ― Ռաֆայելն ու դու կմնաք ձիերի մոտ։

― Ես ավելի շատ կուզեի քեզ հետ լինել։

― Ոչ։ Ձիերի մոտ դու ավելի օգտակար կլինես։

― Լավ, ― ասաց աղջիկը։ ― Կմնամ ձիերի մոտ։

Այդ պահին ձիերից մեկը խրխնջաց, և ներքևի ժայռերի միջից մի ուրիշ ձի սուր, դողացող ու անընդհատուն խրխնջոցով պատասխանեց նրան։ Ռոբերտ Ջորդանը քայլերն արագացրեց ու Պաբլոյի հետ մոտեցավ ձիուն։ Ձիերի կողքին մարդիկ էին կանգնած։

― Salud, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Salud, ― պատասխանեցին նրանք մթության մեջ։

Նրանց դեմքերը չէր տեսնում։

― Սա մեզ հետ եկող Ingles֊ն է, ― ասաց Պաբլոն։ ― Դինամիտավոր է։

Ոչ մեկը չարձագանքեց, թերևս գլխով արեցին մթության մեջ։

― Գնա՛նք, Պաբլո՛, ― ասաց մեկը։ ― Շուտով կլուսանա։

― Նռնակներ բերե՞լ եք, ― հարցրեց մեկ ուրիշը։

― Ինչքան ասես, ― ասաց Պաբլոն։ ― Երբ որ ձիերը թողնենք, վերցրեք ինչքան պետք է։

― Դե գնա՛նք, ― ասաց մեկ ուրիշը։ ― Գիշերվա կեսն սպասելով անցկացրինք։

― Hola, Պիլա՛ր, ― ասաց մեկ ուրիշը, երբ մոտեցավ կինը։

― Que me maten,[133] եթե սա Պեպեն չէ, ― խռպոտ ձայնով ասաց Պիլարը։ ― Ո՞նց ես, հովիվ։

― Լավ, ― ասաց տղամարդը։ ― Dentro de la gravedad:

― Այդ ի՞նչ ձի է, ― հարցրեց Պիլարը։

― Պաբլոյի մոխրագույնը, ― ասաց նա։ ― Հզոր ձի է։

― Արի, ― ասաց մի ուրիշ մարդ։ ― Գնացինք։ Լեզվին տալու ժամանակը չէ։

― Դու ո՞նց ես, Էլիսիո, ― հարցրեց Պիլարը նրան, երբ նա նստում էր թամբին։

― Ո՞նց պիտի լինեմ, ― ասաց նա կոպտորեն։ ― Թարգ տուր, կի՛ն, մենք գործ ունենք։

Պաբլոն հեծավ իր աշխետ ձին։

― Բերաններդ փակեք ու եկեք իմ ետևից, ― ասաց նա։ ― Գնանք ցույց տամ, թե որտեղ ենք թողնելու ձիերը։

Գլուխ քառասուներորդ

Ռոբերտ Ջորդանը քնել էր, հետո արթնացել, կամուրջը պայթեցնելու ծրագիր կազմել, ապա եղել Մարիայի հետ, իսկ Անդրեսը հանրապետականների առաջապահ գծերում էր տակավին։ Ֆաշիստների տիրապետության տակ գտնվող հողերը նա շատ արագ էր անցել, այսինքն ինչքան կարող է տեղանքին լավ ծանոթ առողջ ու ամուր գյուղացին խավար գիշերով։ Հանրապետականների գծերն հասնելու հետ ընթացքը դանդաղել էր։

Նրան թվում էր, թե բավական է ցույց տա Ռոբերտ Ջորդանի տված անցագիրն ու զեկուցագիրը՝ ՌՀԾ֊ի կնիքը վրան, և բոլորը կօգնեն իրեն, որպեսզի ծրարը շտապ տեղ հասցնի։ Բայց դեռևս սահմանի վրա բախվեց հանրապետական մի վաշտի հրամանատարի, որն իր ամբողջ առաքելությունը բվեճի նման կասկածի տակ առավ։

Այդ վաշտի հրամանատարը նրան տարավ գումարտակի հրամանատարի մոտ, որը պատերազմից առաջ սափրիչ էր եղել, սա որ լսեց առաքելության մասին, ոգևորվեց։ Նրա անունը Գոմես էր, նա նախատեց վաշտի հրամանատարին, որ այդքան հիմար է գտվել, թփթփացրեց Անդրեսի ուսին, մի անպետք կոնյակ հյուրասիրեց և ասաց, որ ինքը՝ նախկին սափրիչը, միշտ երազել է guerrillero լինել։ Հետո զարթնեցրեց համհարզին, գումարտակը հանձնեց նրան և հանձնակատարին ասաց, որ գնա մոտոցիկլիստին կանչի։ Բայց մեկ էլ որոշեց ոչ թե մոտոցիկլիստի հետ ուղարկել Անդրեսին, այլ անձամբ տանել բրիգադի շտաբ, որպեսզի գործերն արագացնի։ Անդրեսը նստեց ետևը, ամուր կառչեց դիմացի բռնակից, և մոտոցիլը դար ու փոսերի վրայով թռչկոտելով առաջ շարժվեց ռումբերից ավերված ճանապարհով։ Ցոլարձակ լապտերի լույսն ընկնում էր խճուղու երկու կողմերին բարձրացած ծառերի բներին, որոնց կրապատ կեղևները պոկոտվել էին արկերի բեկորներից, երբ այդ վայրերում պատերազմի առաջին օրերին մարտեր էին տեղի ունեցել։ Ճանապարհից թեքվեցին ու մտան լեռնային ամառանոցային մի գյուղակ։ Բրիգադի շտաբն այդտեղ էր տեղավորված։ Գոմեսը մրցարշավորդի վարպետությամբ արգելակեց մեքենան, հետո հենց տան պատին և քնաթաթախ ժամապահի կողքով, որը պատվի առավ, իրեն գցեց մի մեծ սենյակ, որտեղ պատերից քարտեզներ էին կախված և մի սպա, կանաչ հովարն հոնքերին, համարյա քնած, նստել էր սեղանի դիմաց՝ առաջը մի լուսամփոփ, երկու հեռախոս և Mundo brero֊ի մի համար։

Սպան նայեց Գոմեսին։

― Ինչո՞ւ ես այստեղ, ― ասաց։ ― Հեռախոսի գոյության մասին չե՞ս լսել։

― Ես պետք է փոխգնդապետին տեսնեմ, ― ասաց Գոմեսը։

― Նա քնած է, ― ասաց սպան։ ― Հեծանիվիդ լապտերի լույսը մի կիլոմետրից երևում էր։ Ի՞նչ է, ուզում ես ռմբակոծել սկսե՞ն։

― Կանչիր փոխգնդապետին, ― ասաց Գոմեսը։ ― Սա չափազանց կարևոր գործ է։

― Ասացի քնած է։ Իսկ դա ի՞նչ բանդիտ է հետդ, ― ասաց սպան ու գլխով ցույց տվեց Անդրեսին։

― Guerrillero է, ռազմաճակատի գծի մյուս կողմից, զեկուցագիր է բերել գեներալ Գոլցին, նրան, որը ղեկավարում է Նավասեռադայի մոտ վաղն առավոտյան նախատեսվող հարձակումը, ― հուզված ու ընդգծված լրջությամբ ասաց Գոմեսը։ ― Արթնացրու Teniente-Coronel֊ին, ի սեր աստծո։

Սպան նայեց նրան կանաչ ցելյուլոիդե հովարի տակ պատսպարված կիսախուփ աչքերով։

― Դուք բոլորդ էլ գժվել եք, ― ասաց նա։ ― Ես ոչ մի գեներալ Գոլց չգիտեմ, ոչ էլ որևէ հարձակման մասին տեղեկություն ունեմ։ Վերցրու սպորտսմենիդ ու վերադարձի՛ր գումարտակդ։

― Քեզ ասում եմ արթնացրու Teniente-Coronel֊ին, ― ասաց Գոմեսը և Անդրեսը տեսավ, որ նրա ատամները սեղմվեցին։

― Դե ռադ եղիր, ― ծույլ֊ծույլ ասաց սպան և երեսը շրջեց։

Գոմեսը պատյանից դուրս քաշեց իր ինը միլիմետրանոց ծանր «Ստար» ատրճանակն ու դեմ արեց սպայի ուսին։

― Արթնացրո՛ւ, ֆաշիստ պոռնկորդի՛, ― ասաց նա։ ― Արթնացրո՛ւ, թե չէ կսպանեմ։

― Հանգի՛ստ, ― ասաց սպան։ ― Շատ տաքարյուն եք սափրիչներդ։

Լուսամփոփի լույսի տակ Անդրեսը տեսավ Գոմեսի դեմքը, որը ատելությունից ձգվել ու ծռվել էր։ Բայց նա միայն «արթնացրու» էր ասում, ուրիշ ոչինչ չէր անում։

― Հանձնակատա՛ր, ― կանչեց սպան արհամարհալից ձայնով։

Դռան մեջ մի զինվոր երևաց, պատվի առավ ու դուրս գնաց։

― Այսօր նրա նշանածն է մոտը, ― ասաց սպան և նորից շարունակեց սեղանին դրված թերթը կարդալ։ ― Քեզ որ տեսնի, շատ կուրախանա, չկասկածես։

― Քեզպեսներն են, քեզպեսները, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մենք պատերազմը տանուլ տանք, ― ասաց Գոմեսը շտաբի սպային։

Սպան ուշադրության չարժանացրեց նրա խոսքերը։ Շարունակեց կարդալ, հետո կարծես ինքն իրեն, ասաց․

― Ա՛յ, թե թերթ է, շատ հետաքրքիր է։

― Իսկ ինչո՞ւ El Debate չես կարդում։ Դա է ձեր թերթը, ― ասաց Գոմեսը՝ տալով պատերազմից առաջ Մադրիդում լույս տեսնող կաթոլիկական֊պահպանողական գլխավոր օրգանի անունը։

― Մի՛ մոռացիր, որ ես քեզանից բարձրաստիճան սպա եմ և իմ զեկուցագիրը կարող է ծանր նստել վրադ, ― ասաց սպան առանց հայացքը բարձրացնելու։ ― Ես երբեք El Debate չեմ կարդացել։ Սուտ մեղադրանքներդ պահիր քեզ։

― Չես կարդում։ Չէ՛։ Դու A. B. C․[134] ես կարդում, ― ասաց Գոմեսը։ ― Բանակում վխտում են տակավին քեզպեսները։ Պրոֆեսիոնալներ։ Մի կողմից տգետներ, մյուս կողմից ցինիկներ։ Մնացել ենք երկուսի արանքում։ Բայց մենք մերը կանենք։ Ում դաստիարակելու է կդաստիարակենք, ում չէ՝ կոչնչացնենք։

― «Կմաքրենք», երևի այս բառն էիր փնտրում, ― ասաց սպան՝ դեռևս չբարձրացնելով հայացքը։ ― Ահա, հաղորդագրություն քո փառահեղ ռուսների մաքրումների մասին։ Ավելի հիմնավոր են մաքրում, քան անգլիական աղը։

― Ինչ անուն ուզում ես տուր, ― բորբոքված ասաց Գոմեսը, ― ինչ անուն ուզում ես տուր, միայն թե քեզպեսները լիկվիդացվեն։

― Լիկվիդացնել, ― անպատկառորեն, կարծես ինքն իր հետ խոսլով, ասաց սպան։ ― Եվս մի բառ, որի մեջ ոչ մի կաստիլիական բան չկա։

― Ուրեմն գնդակահարել, ― ասաց Գոմեսը։ ― Սա կաստիլերեն է։ Սա հասկանալի՞ է։

― Այո՛, բարեկամ, բայց այդքան բարձր մի՛ խոսիր։ Բրիգադի շտաբում միայն Teniente-Coronel֊ը չէ, ուրիշ մարդիկ էլ կան քնած, բացի այդ, ձանձրացնում է ինձ քո այդ տաքարյուն֊տաքարյուն խոսելը։ Սրա համար է, որ միշտ ինքս եմ իմ երեսը ածիլել։ Չեմ սիրում, որ շատ են խոսում։

Գոմեսը նայեց Անդրեսին ու գլուխը թափ տվեց։ Կատաղությունից ու ատելությունից արտասվակալած աչքերը փայլում էին։ Բայց նա միայն գլուխը տարուբերեց և ոչինչ չասաց, ասելիքը ներս գցեց՝ պահելով ապագայի ինչ֊որ օրվա։ Այս մեկուկես տարվա ընթացքում նա Սիեռայում բարձրացել էր մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնին և շատ բան էր ներս գցել, և հիմա էլ, երբ փոխգնդապետը, հագին պիժամա, մտավ սենյակ, նա զգաստ կանգնեց ու պատվի առավ։

Փոխգնդապետ Միրանդան՝ կարճահասակ, գորշ դեմքով մի տղամարդ, որն ամբողջ կյանքն անցկացրել էր բանակում, Մադրիդում կորցրել էր կնոջ սերը, իսկ Մարոկկոյում ստամոքսի առողջությունը, հանրապետական էր դարձել, երբ համոզվել էր, որ ապահարզան չի կարող ստանալ (մարսողությունը վերականգնելու միջոց չկար), քաղաքացիական պատերազմն սկսել էր փոխգնդապետի աստիճանով։ Նա միայն մի ցանկություն ուներ՝ նույն աստիճանով էլ ավարտել պատերազմը։ Սիեռայի պաշտպանությունը հաջողությամբ էր գլուխ բերել և կուզենար, որ իրեն այդտեղ էլ թողնեին, եթե երբևիցե նորից հարկ լիներ պաշտպանվելու։ Պատերազմի ընթացքում շատ ավելի լավ էր զգում, հավանաբար այն պատճառով, որ մսեղենի գործածության հնարավորությունը պակասել էր, ուներ երկածխաթթվային սոդայի հսկայական մի պաշար, երեկոները վիսկի էր խմում, իսկ քսաներեքամյա սիրուհին, ինչպես բոլոր այն աղջիկները, որոնք անցյալ տարվա հուլիսից հետո miliciana էին դարձել, երեխա էր սպասում։ Փոխգնդապետը գլխով արեց պատվի առած Գոմեսին, մոտեցավ ու ձեռք տվեց։

― Ի՞նչն է բերել քեզ, Գոմես, ― հարցրեց նրան ու հետո դարձավ սեղանի առջև նստած սպային․ ― խնդրում եմ մի սիգարետ տաս, Պեպե՛։

Գոմեսը ցույց տվեց Անդրեսի փաստաթղթերն ու ծրարը։ Փոխգնդապետն արագ աչքի անցկացրեց Salvocomducto֊ն, նայեց Գոմեսին, գլխով արեց ու ժպտաց, հետո չթաքցված հետաքրքրասիրությամբ նայեց ծրարին, ցուցամատով շոշափեց կնիքը և թղթերը վերադարձրեց Անդրեսին։

― Ո՞նց է, դժվա՞ր է կյանքը սարերում, ― հարցրեց։

― Ոչ, իմ փոխդնդապետ, ― ասաց Անդրեսը։

― Ասե՞լ են քեզ, թե որ կետերին է ավելի մոտ գեներալ Գոլցի շտաբը։

― Նավասեռադային, իմ փոխգնդապետ, ― ասաց Անդրեսը։ ― Ingles֊ն ասաց, որ Նավասեռադայի մոտ է, ռազմաճակատի գծերից դենը, աջի վրա։

― Ի՞նչ Ingles, ― հանգիստ հարցրեց փոխգնդապետը։

― Ingles֊ը, որն եկել է մեզ մոտ որպես դինամիտավոր։

Փախգնդապետը գլխով արեց։ Եվս մի անբացտրելի, այս պատերազմին հատուկ տարօրինկություն՝ «Ingles֊ը, որն եկել է մեզ մոտ որպես դինամիտավոր»։

― Լավ կլինի ինքդ քո մոտոցիկլով տանես, Գոմես, ― ասաց փոխգնդապետը։ ― Մի ազդեցիկ Salvoconducto գրիր գեներալ Գոլցի Estado Mauor֊ի վրա, տուր ստորագրեմ, ― ասաց կանաչ ցելյուլոիդե հովարով սպային։ ― Լավ կլինի մեքենագրես, Պեպե։ Տվյալներն այստեղ կան, ― Անդրեսին նշան արեց, որ անցագիրը տա, ― և երկու տեղով կնքիր։ Այս գիշեր անհրաժեշտ է ազդեցիկ թուղթ ունենալ, ― ասաց Գոմեսին։ ― Եվ դա է ճիշտը։ Երբ հարձակում է նախապատրաստվում, պետք է զգույշ լինել։ Կաշխատեմ ինչքան հնարավոր է ազդեցիկ թուղթ տալ ձեզ։ ― Հետո դարձավ Անդրեսին և քնքշորեն ասաց․ ― Որևէ բան չէի՞ր ցանկանա։ Խմե՞լ, ուտե՞լ։

― Ոչ, իմ փոխգնդապետ, ― ասաց Անդրեսը։ ― Վերջին պահակակետում կոնյակ հյուրասիրեցին, եթե նորից խմեմ, վատ կզգամ։

― Այստեղ գալիս մեր դիրքերի մոտերքում տեղաշարժեր նկատեցի՞ր, ― սիրալիր հարցրեց փոխգնդապետը Անդրեսին։

― Սովորականի պես, իմ փոխգնդապետ։ Խաղաղ էր։ Խաղաղ։

― Ես քեզ երեք ամիս առաջ Սերսեդիլայում չե՞մ տեսել, ― հարցրեց փոխգնդապետը։

― Տեսել եք, իմ փոխգնդապետ։

― Այդպես էլ կարծում էի, փոխգնդապետը թփթփացրեց նրա ուսին։ ― Ծերունու հետ էիր, Անսելմոյի։ Նա ո՞նց է։

― Լավ է, իմ փոխգնդապետ, ― ասաց Անդրեսը։

― Բարի։ Ուրախ եմ, ― ասաց փոխգնդապետը։

Սպան ցույց տվեց մեքենագրածը, փոխգնդապետը կարդաց, ստորագրեց։

― Հիմա պետք է շտապենք, ― ասաց Գոմեսին ու Անդրեսին։ ― Մոտոցիկլի հետ զգույշ վարվեք, ― ասաց Գոմեսին։ ― Լապտերը միացրո՛ւ։ Մի մոտոցիկլից բան չի պատահի, բայց զգույշ քշիր։ Ողջյուններ հաղորդիր ընկեր գեներալ Գոլցին։ Ծանոթացել ենք Պեգերինոսի մարտերից հետո։ ― Սեղմեց երկուսի ձեռքն էլ։ ― Շապիկիդ գրպանը կոճկիր, ― ասաց։ ― Քամին կարող է թղթերդ թռցնել, մոտոցիկլով եք։

Նրանց դուրս գալուց հետո նա մոտեցավ պահարանին, վերցրեց բաժակն ու շիշը, վիսկի լցրեց, հետո հատակին դրված կավե կժից ջուր ավելացրեց և, պատից կախված մեծ քարտեզի առջև կանգնած ու կում֊կում վիսկի խմելով, սկսեց քննել Նավասեռադայի տակ նախապատրաստվող հարձակման հաջողության հնարավորությունները։

― Ուրախ եմ, որ ես չեմ այնտեղ, այլ Գոլցը, ― ասաց վերջապես սեղանի դիմաց նստած սպային։ Սպան չպատասխանեց, փոխգնդապետն հայացքը կտրեց քարտեզից, դարձավ սպային և տեսավ, որ նա գլուխը դրել է թևին ու քնել, մոտեցավ սեղանին, հեռախոսները աջ ու ձախ կողմից կպցրեց սպայի գլխին, հետո նորից վիսկի և ջուր լցրեց բաժակն ու կանգնեց քարտեզի դիմաց։

Անդրեսը նստել և ամուր կառչել էր բռնակից, մինչ Գոմեսը շարժիչն էր գործի դնում։ Աղմուկն ու լույսը ահա ճեղքեցին խավարը և մոտոցիկլը սլացավ բարդիներով եզերված գյուղի սև, մութ ճանապարհով, Անդրեսը գլուխը հակեց, որպեսզի պատսպարի քամուց, հետո, երբ իջան գետափ, սև խավարը մշուշվեց, դարձավ դեղնավուն, և նորից սև֊մութ, երբ ճանապարհը գնաց դեպի վեր։ Խաչմերուկի վրա մոտոցիկլի լապտերի լույսի տակ երևացին սարերից իջնող բեռնաթափված մեքենաները։

Գլուխ քառասունմեկերորդ

Պաբլոն կանգնեցրեց ձին և մթության մեջ ցած իջավ, Ռոբերտ Ջորդանը լսեց թամբերի ճռռոցը, ձիերից իջնող մարդկանց ծանր շնչառությունը, լկամի զնգոց, երբ մի ձի գլուխը թափահարեց։ Ձիահոտ առավ, անլվա շորերով քնած֊վեր կացած նորեկների վրայից քրտնքի հոտ փչեց, քարայրում քնածներին փայտի ծխի հոտն էր ամուր կպել։ Պաբլոն կողքին էր, նրանից արույրի, թթված գինու հոտ էր փչում, այնպիսի զգացողություն էր, կարծես բերանիդ մի անկյունում սև մետաղադրամ լիներ։ Ռոբերտ Ջորդանը սիգարետը վառեց ու պահեց ափի մեջ, որպեսզի լույսը չնկատվի, հետո լսեց, որ Պաբլոն շատ ցածր ձայնով կնոջն ասում է․ «Պիլար, ես մինչև ձիերի ոտնակապերը գցեմ, դու նռնակի պարկն իջեցրու»։

― Ագուստինո, ― շշնջալով ասաց Ռոբերտ Ջորդանը, ― դու և Անսելմոն կամուրջ եք գալու, ինձ հետ։ Maquina֊ի սկավառակների պարկը վերցրե՞լ ես։

― Այո, ― ասաց Ագուստինը։ ― Իհարկե։

Ռոբերտ Ջորդանը մոտեցավ Պիլարին, կինը ձիերից մեկի բեռներն էր իջեցնում Պրիմիտիվոյի օգնությամբ։

― Լսի՛ր, կի՛ն, ― ասաց ցածրաձայն։

― Ի՞նչ կա, ― խռպոտ ձայնով շշնջաց Պիլարը, ձիու փորատակի գոտին արձակելով։

― Հասկացա՞ր, որ պահակակետի վրա հարձակվելու եք միայն ռմբակոծությունն սկսվելուց հետո։

― Քանի՞ անգամ ես ասելու, ― ասաց Պիլարը։ ― Դառնում ես պառաված կնիկ։

― Ուզում եմ մի անգամ ևս ստուգել, հենց այդքան, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ժամապահներից ոչնչացնելուց հետո կգաք կամուրջ և կծածկեք ճանապարհի վերևի մասն ու իմ ձախ թևը։

― Դեռ այն ժամանակ, երբ առաջին անգամ բացատրեցիր, ես ամեն ինչ հասկացա, նույն բանը նորից մի՛ պատմիր, ― շշնջաց Պիլարը։ ― Գնա՛, գնա տես ինչ ես անում։

― Մինչև ռմբակոծությունը չսկսվի, ոչ մի շարժում, ոչ մի կրակոց, ոչ մի նռնակ, ― ցածրաձայն ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դե էլ հոգի մի՛ ուտի, ― զայրացած շշնջաց Պիլարը։ ― Դեռ այնտեղ՝ Սորդոյի մոտ ես այդ բոլորը հասկացա։

Ռոբերտ Ջորդանը գնաց Պաբլոյի մոտ, որը ձիերի ոտնակապերն էր գցում։

― Միայն նրանց ոտներին կապ գցեցի, որոնք կարող են խրտնել, ― ասաց Պաբլոն։ ― Իսկ սրանց, հենց այնպես եմ կապել, մի թեթև քաշես՝ կարձակվեն։

― Լավ։

― Աղջկան ու գնչուին կասեմ, թե ոնց վարվեն, ― ասաց Պաբլոն։ Նրա բերած մարդիկ առանձնացած կանգնել էին խմբով ու հենվել կարաբիններին։

― Հասկացե՞լ ես ամեն ինչ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։

― Ինչո՞ւ չէ, ― ասաց Պաբլոն։ ― Ոչնչացնել ժամապահներին։ Կտրել լարերը։ Վերադառնալ կամուրջ։ Կամուրջը ծածկել, մինչև որ պայթեցնես։

― Եվ ոչ մի բան չանել, մինչև ռմբակոծել չսկսեն։

― Ճիշտ է։

― Դե լավ, հաջողություն։

Պաբլոն ինչ֊որ բան մռթմռթաց։ Հետո ասաց․

― Դու մեզ այդ քո մեծ ու փոքր maquina֊ներով ծածկելո՞ւ ես, Ingles, երբ սկսենք նահանջել։

― De la primera, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ոնց որ պետք է։

― Ուրեմն, ― ասաց Պաբլոն։ ― Էլ ոչ մի բան։ Բայց շատ զգույշ պետք է լինես, Ingles: Եթե զգույշ չլինես, իմացի՛ր, դա բարդ բան է։

― Maquina֊ի ետևը ես եմ լինելու, անձամբ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Իսկ դու դրա լեզուն լավ գիտե՞ս։ Որովհետև ես չեմ ուզում Ագուստինի գնդակից ընկնել, ինչքան էլ լավ մտադրությամբ նա այդ բանն անի։

― Ես դրա լեզուն շատ լավ գիտեմ։ Հավատա՛։ Իսկ եթե կրակողը Ագուստինը լինի, կհետևեմ, որ կրակը ձեր գլխավերևում պահի, բարձր, շատ բարձր։

― Որ այդպես է, էլ ոչինչ չունեմ, ― ասաց Պաբլոն։ Հետո ցածրաձայն ու որպես գաղտնիք՝ ավելացրեց։ ― Բայց ձիերն էլի քիչ են։

Շան որդի, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Մի՞թե կարծում է, որ ես գլխի չեմ ընկել դեռևս առաջին իսկ րոպեից։

― Ես ոտով կգնամ, ― ասաց նա։ ― Ձիերի մասին դու հոգա։

― Չէ՛, քեզ համար ձի կլինի, Ingles, ― ցածրաձայն ասաց Պաբլոն։ ― Բոլորիս համար էլ ձի կլինի։

― Դա արդեն քո գործն է, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինձ կարող ես չհաշվել։ Նոր maquina֊յիդ փամփուշտները բավակա՞ն են։

― Այո, ― ասաց Պաբլոն։ Սպանված ձիերի մոտ եղածը լրիվ վերցրել եմ։ Չորս հատ եմ միայն կրակել, փորձելու համար։ Երեկ գիշեր եմ փորձել, սարերում։

― Դե՛, մենք գնացինք, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Քանի չի լուսացել, պետք է տեղ հասնենք ու դարան մտնենք։

― Բոլորս էլ գնանք արդեն, ― ասաց Պաբլոն։ ― Suerte,[135] Ingles:

Տեսնես էլի ի՞նչ է ծրագրում պոռնկորդին, ասաց ինքն իրեն Ռոբերտ Ջորդանը։ Բայց վստահ եմ, դա է, իմ իմացածը։ Դե լավ, դա արդեն իր գործն է։ Փառք աստծո, որ այդ մարդկանց չեմ ճանաչում։

Նա մեկնեց ձեռքն ու ասաց․

― Suerte, Pablo, ― և նրանց ձեռքերը միացան ու սեղմվեցին խավարում։

Երբ Ռոբերտ Ջորդանը մեկնում էր ձեռքը, մտածում էր, որ այնպիսի զգացողություն է ունենալու, որպիսին ունենում է մարդ սողունի կամ կամ բորոտի ձեռք տալիս։ Նա չգիտեր, որ նույնն էլ Պաբլոն է զգում։ Բայց Պաբլոյի ձեռքը մթության մեջ այնպես ամուր ու անկեղծորեն սեղմեց իր ձեռքը, որ ինքը ևս նույնպիսի սեղմումով պատասխանեց նրան։ Նույնիսկ ինչ֊որ հաճելի զգացողություն ունեցավ այդ ձեռքսեղմումից, այդ առավոտվա ամենատարօրինակ զգացողությունը։ Հիմա մենք պիտի է դաշնակիցներ լինենք, մտածեց նա։ Դաշնակիցները միշտ իրար ձեռք են սեղմում։ Դեռ չեմ ասում, որ իրար պարգևատրում են, պաչպչվում, մտածեց նա։ Ուրախ եմ, որ ստիպված չեմ այդ բանն անելու։ Կարծում եմ, որ բոլոր դաշնակիցներն էլ այսպես են։ Նրանք միշտ էլ ատում են իրար au fond:[136] Բայց այս Պաբլոն արտասովոր մարդ է։

― Suerte, Պաբլո՛, ― ասաց և ուժեղ սեղմեց այդ տարօրինակ, ամուր, խորհրդավոր ձեռքը։

― Ցավում եմ, որ իրերդ տարա, ― ասաց Պաբլոն։ ― Ուղեղս մթագնել էր։

― Բայց դու բերեցիր այն, ինչի կարիքն ունեինք։

― Կամրջի հարցում հիմա քեզ հետ համաձայն եմ, Ingles, ― ասաց Պաբլոն։ ― Տեսնում եմ, որ հաջող է ավարտվելու։

― Այդ ի՞նչ եք անում։ Maricones եք դարձել, հա՞, ― ասաց հանկարծակի նրանց կողքին հայտնված Պիլարը։ ― Քեզ միայն դա էր պակաս, ― ասաց Պաբլոյին։ ― Գնանք, Ingles, վերջ տուր քո այդ «բարի ճանապարհներիդ», քանի դեռ մնացած դինամիտդ էլ չի գողացել։

― Դու ինձ չես հասկանում, կի՛ն, ― ասաց Պաբլոն։ ― Ingles֊ն ու ես իրար հասկանում ենք։

― Քեզ ոչ ոք չի հասկանում։ Ոչ աստված, ոչ նույնիսկ մայրդ, ― ասաց Պիլարը։ ― Ոչ էլ ես։ Գնանք, Ingles: Հրաժեշտ տուր խուզած գլխիկիդ ու գնանք։ Me cago en tu padre,[137] բայց սկսում եմ մտածել, որ վախեցել ես ցուլի տեսքից։

― Քո մերը, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Դու չունես, որ ես էլ ասեմ, ― ուրախ շշնջաց Պիլարը։ ― Դե գնանք, այնպես եմ ուզում այս գործը շուտ անել ու պրծնել։ Դու էլ գնա հասիր տղաներիդ, ― ասաց Պաբլոյին։ ― Ո՞վ իմանա, թե ինչքան ժամանակ դրանք իրենց որոշումի մեջ կմնան։ Դրանց մեջ մի երկուսը կան, որոնց հետ ես գործ չէի բռնի։ Գնա՛, վերցրո՛ւ ու գնա։

Ռոբերտ Ջորդանը ուսապարկը գցեց թիկունքին ու գնաց ձիերի կողմը՝ Մարիային գտնելու։

― Մնաս բարով, guapa, ― ասաց նա։ ― Շուտով կտեսնվենք։

Անիրական մի զգացողություն ունեցավ այդ պահին, նրան թվաց, որ սա ինչ֊որ ժամանակ արդեն եղել էր, կարծես գնացքը պատրաստ է շարժվելու, այո՛, հենց գնացքը, և ինքը կանգնել է կառամատույցում։

― Գնաս բարով, Ռոբերտո՛, ― ասաց աղջիկը։ ― Զգույշ կլինես։

― Անպայման, ― ասաց նա։

Կռացավ, որպեսզի համբուրի աղջկան, ուսապարկը սահեց, ընկավ ծոծրակին, և ճակատը բախվեց աղջկա ճակատին։ Եվ նրան թվաց, որ դա էլ է արդեն պատահել։

― Մի՛ լար, ― ասաց ինչ֊որ անճարակ դարձած, և դա ուսապարկի սահել֊ընկնելու պատճառով չէր։

― Չեմ լալիս, ― ասաց նա։ ― Բայց շուտ դարձիր։

― Կրակոցներ որ լսես, չանհանգստանաս։ Կրակոցներ շատ֊շատ են լինելու։

― Չեմ անհանգստանա։ Բայց շուտ դարձիր։

― Մնաս բարով, guapa, ― ասաց անճարակ ձևով։

― Salud, Ռոբերտո։

Ռոբերտ Ջորդանն իրեն այսքան դեռատի չէր զգացել այն օրից ի վեր, երբ առաջին անգամ գնացքով Ռեդ Լոջից մեկնել էր Բելինգ, որպեսզի այնտեղից էլ մի ուրիշ գնացքով գնա դպրոց՝ ուսման։ Վախենում էր գնալ և չէր ուզում ոչ ոք իմանա, որ ինքը գնում է ուսանելու։ Երբ կառամատույցում ուղեկցորդն իր ճամպրուկը բարձրացրեց և ինքն էլ պատրաստվում էր ոտքը դնելու վագոնի աստիճանին, հայրը համբուրեց իրեն ու ասաց․ «Թող աստված մեզ պահապան լինի մեր բաժանության օրերին»։ Հայրը շատ հավատացյալ մարդ էր և այդ խոսքերն ասաց պարզ ու անկեղծորեն։ Բայց նրա բեղերը թրջվել էին, աչքերն արտասվակալել, և Ռոբերտ Ջորդանն այնպես հուզվեց արցունքների միջով ասված այդ ջերմեռանդ խոսքերից, հրաժեշտի ողջագուրանքից, որ հանկարծ հորից ավելի տարեց զգաց իրեն և անհուն կարեկցանքով լցվեց նրա հանդեպ։

Գնացքի շարժվելուց հետո կանգնել էր վագոնի ետևի հարթակին ու նայում էր կայարանին, ջրմուղ աշտարակին, որն հետզհետե փոքրանում էր, փոքրանում, նայում էր փայտակոճերով հատվող երկաթյա գծերին, որոնք միանում էին մի կետում՝ փոքրիկ կայարանի բարալիկ ջրմուղ աշտարակի մոտ, և գնացքի համաչափ տկտկոցի հետ տանում էին իրեն հեռու֊հեռու։

Հարթակին կանգնած արգելակողն ասել էր՝ «Երևում է հորդ համար դժվար է քեզնից բաժանվելը, Բոբ»։ «Այո», պատասխանել էր ինքը՝ նայելով գծերի և փոշոտ ճանապարհի արանքում փռված օշինդրի թփիկներին, որոնց մեջ հեռագրասյուներն էին բարձրանում։ Նայում էր ու սպասում, որ հիմա, ուր որ է, արոր հավը դուրս կթռչի խոտերի միջից։

«Սրտո՞վդ է դպրոց գնալը»։ «Այո», պատասխանել էր ինքը և ճիշտ էր ասել։ Քիչ առաջվա համար այդ պատասխանը ճիշտ չէր, բայց հիմա ճիշտ էր, և այս պահին, երբ բաժանվում էր Մարիայից, նորից իրեն ճիշտ այնպես դեռատի զգաց, ինչպես կառամատույցում։ Հիմա դարձյալ այնպես դեռատի էր, այնպես անճարակ և անճարակ ձևով էլ հրաժեշտ էր տալիս, կարծես դպրոցական լիներ, որը դպրոցի դարպասների մոտ հրաժեշտ է տալիս իր հասակակից աղջկան ու չգիտի համբուրի, թե ոչ։ Հետո հասկացավ, հրաժեշտը չէր անճարակության պատճառը։ Հետագա հանդիպման լինել֊չլինելու երկյուղն էր։ Հրաժեշտը մասամբ միայն կարող էր այս անճարակության պատճառ լինել, միայն այնքանով, որ հիշեցնում էր ապագա հանդիպման մասին։

Դարձյալ ետ֊ետ ես գնում, ասաց ինքն իրեն։ Բայց ես կարծում եմ, որ չի գտնվի և ոչ մի մարդ, որն այս բանն անելիս իրեն չափից ավելի դեռատի չզգա։ Բանի անունը չտվեց։ Դե լավ, ասաց ինքն իրեն։ Դե լավ։

― Մնաս բարով, guapa, ― ասաց աղջկան։ ― Մնաս բարով, նապաստա՛կ։

― Գնաս բարով, իմ Ռոբերտո, ― ասաց աղջիկը, և Ռոբերտ Ջորդանը մոտեցավ Անսելմոյին ու Ագուստինին և ասաց․

― Vamonos.

Անսելմոն իր ծանր ուսապարկը գցեց շալակը։ Քարայրից դուրս գալուց հետո Ագուստինն իր բեռը ցած չէր դրել։ Հիմա նա հենվել էր մի ծառի, իսկ շալակի բեռան վրայից ցցվել էր գնդացրի փողը։

― Լավ, ― ասաց Ագուստինը։ ― Vamonos: ― Սարալանջով շարժվեցին ներքև։

― Buena suerte, դոն Ռոբերտո, ― ասաց Ֆերնանդոն, երբ ծառերի միջով իրար ետևից անցան նրա կողքից։ Ֆերնանդոն մի քանի քայլ այն կողմ պպզած նստել էր, բայց այդ խոսքերը նա արտասանեց մեծագույն արժանապատվությամբ։

― Քեզ ևս, Ֆերնանդո, buena suerte, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Քո բոլոր գործերում, ― ասաց Ագուստինը։

― Շնորհակալություն, դոն Ռոբերտո, ― ասաց Ֆերնանդոն առանց ուշադրություն դարձնելու Ագուստինի խոսքերին։

― Այս մարդը ֆենոմեն է, Ingles, ― շշնջաց Ագուստինը։

― Համաձայն եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Օգնե՞մ քեզ։ Մի ձիաբեռ կլինի շալակիդ։

― Լավ է, բան չկա, ― ասաց Ագուստինը։ ― Բայց ինչ գոհ եմ, որ սկսեցինք։

― Ցածր խոսեք, ― ասաց Անսելմոն։ ― Այստեղից արդեն պետք է քիչ խոսել և ցածրաձայն։

Զգուշորեն փոխելով ոտքերը՝ նրանք իջնում էին սարալանջով՝ առջևից Անսելմոն, հետո Ագուստինը, Ռոբերտ Ջորդանի պարանե ներբանով կոշիկները սահում էին սոճու չոր ասեղնատերևների վրա, նա շատ զգույշ էր քայլում, բայց ոտքն առավ ծառի դուրս ցցված արմատին, ձեռքը գցեց գնդացրի փողին, ծալված եռոտանուն, զգաց մետաղի սառնությունը, հետո սկսեց կողեկող իջնել, կոշիկները սահում էին, ակոսում գետինը, նորից առաջ պարզած ձախ ձեռքը դեմ առավ սոճու խորդուբորդ բնին, փաթաթվեց ծառին և ափի մեջ զգաց կպչուն խեժը, որ վազել էր բնի վրա արված դանակի կտրվածքից։ Անտառապատ թեք սարալանջով նրանք իջան այնտեղ, որտեղից Ռոբերտ Ջորդանն ու անսելմոն առաջին օրը դիտել էին կամուրջը։

Անսելմոն կանգ էր առել մի սոճու տակ, նա մթության մեջ բռնեց Ռոբերտ Ջորդանի թևն ու հազիվ լսելի ձայնով շշնջաց․

― Նայի՛ր։ Կրակարանի մեջ կրակ կա։

Ներքևում լույս էր երևում, Ռոբերտ Ջորդանը գիտեր, որ այդտեղ կամուրջն ու ճանապարհը միանում են իրար։

― Այստեղից էինք դիտում, ― ասաց Անսելմոն։ Նա վերցրեց Ռոբերտ Ջորդանի ձեռքը, տարավ ցած ու հպեց ծառի բնի վրայի թարմ կտրվածքին։ ― Այս նշանը ես արեցի, երբ դու կամուրջն էիր դիտում։ Այստեղ, աջ կողմում էիր ուզում դնել maquina֊ն։

― Այստեղ էլ կդնենք։

― Լավ։

Ուսապարկերը դրեցին ծառաբների ետևում և երկուսով գնացին Անսելմոյի ետևից այնտեղ, ուր կիպ իրար կողքի մատղաշ սոճիներ էին բարձրացել։

― Այստեղ է, ― ասաց Անսելմոն։ ― Հենց այստեղ։

― Այստեղից, լույսով, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը՝ պպզած մատղաշ ծառերի ետևում, ― ճանապարհի մի փոքր հատվածն է երևում, կամրջին միացող մասը։ Կամուրջը լրիվ ետևում է, այն կողմի ճանապարհի մի մասը նույնպես, մինչև կեռմանը։

Ագուստինը ոչինչ չասաց։

― Կպառկես այստեղ ու կսպասես մինչև մենք պայթեցումը նախապատրաստենք։ Վերևից լինի, թե ներքևից, ով էլ գա, կկրակես։

― Այդ լույսը ի՞նչ տեղ է, ― հարցրեց Ագուստինը։

― Ժամապահի խցիկն է կամրջի այս գլխին, ― շշնջաց Ռոբերտ Ջորդանը։

― Ժամապահներին ո՞վ է վերացնելու։

― Ծերունին և ես, ինչպես արդեն ասել եմ։ Բայց եթե մենք չկարողանանք վերացնել, կկրակես խցիկների վրա, ժամապահների, եթե երևան։

― Այո։ Դու ասել էիր։

― Պայթեցումից հետո, երբ ներքևից Պաբլոյի տղերքն երևան, կսկսես կրակել նրանց գլխավերևով, եթե հետապնդող լինի։ Ասենք լինի չլինի կրակիր, որպեսզի չհետապնդեն։ Հասկացա՞ր։

― Ինչո՞ւ չէ։ Նույնն բանն ես ասում, ինչ երեկ գիշեր։

― Ուրիշ հարց ունե՞ս։

― Ոչ։ Երկու պարկ ունեմ։ Գնամ վերևից հող լցնեմ, այնպես որ փորած տեղը չերևա ու բերեմ այստեղ։

― Բայց այստեղ չփորփրես։ Այնպես պիըի դարան մտնես, ոնց որ երեկ էր, բարձունքում։

― Չեմ փորի։ Մթնով վերևից կբերեմ հողը։ Կտեսնես։ Այնպես կտեղավորեմ պարկերը, որ չնկատվեն։

― Շատ մոտ ես իրենց։ Sabes? Այս սոճուտը լույսով պարզ երևում է ներքևից։

― Մի անհանգստանա, Ingles: Հիմա դու ո՞ւր ես գնում։

― Այս փոքրիկ maquina֊ս վերցնում եմ ու իջնում կամրջի մոտ։ Ծերուկը կանցնի ձորն ու դարան կմտնի մյուս խցիկի մոտ։ Նրա պատուհաններն այն կողմն են նայում։

― Էլ ոչ մի հարց չունեմ, ― ասաց Ագուստինը։ ― Salud, Ingles: Ծխախոտ ունե՞ս։

― Այստեղ ծխել չի կարելի։ Շատ մոտ է։

― Չեմ ծխելու։ Այնքան որ բերանիս լինի։ Հետո կծխենք։

Ռոբերտ Ջորդանը սիգարետի տուփը տվեց նրան։ Ագուստինը երեք հատ վերցրեց ու խոթեց նախրորդի հարթ կատարով իր գլխարկի առաջամասի ծալքի մեջ։ Եռոտանին բացեց, գնդացիրը տեղավորեց մատղաշ սոճիների արանքում, սկսեց տոպրակները դատարկել ու պարունակությունը դասավորել այնպես, որ ամեն ինչ ձեռքի տակ լինի։

― Nada mas, ― ասաց նա։ ― Լավ, էլ ոչինչ պետք չէ։

Անսելմոն ու Ռոբերտ Ջորդանը թողեցին նրան այդտեղ ու վերադարձան իրենց ուսապարկերի մոտ։

― Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ է ավելի հարմար, որ թողնենք սրանք, ― շշուկով ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Կարծում եմ այստեղ։ Բայց վստա՞հ ես, որ այդ փոքրիկ maquina֊յով կկարողանաս այստեղից խփել ժամապահին։

― Սա հենց այն առաջին օրվա տե՞ղն է։

― Հենց այն ծառն է, ― առանց շրթունքները շարժելու հազիվ լսելի շշնջոցով ասաց Անսելմոն, ոնց որ առաջին օրը։ ― Դանակով նշան եմ արել վրան։

Ռոբերտ Ջորդանը նորից այնպիսի զգացողություն ունեցավ, որ այս բոլորը եղել են արդեն մի անգամ, բայց սա իսկապես եղել էր, նա կրկնում էր իր հարցերը, և Անսելմոն տալիս էր նույն պատասխանները։ Նույնն էլ Ագուստինի հետ էր, նա իրեն ժամապահների մասին տվել էր մի հարց, որի պատասխանը գիտեր։

― Մոտ է։ Նույնիսկ շատ մոտ, ― շշուկով ասաց նա։ Բայց լույսը մեր ետևից է ընկնում։ Լավ կլինի այստեղ։

― Դե ես անցնեմ ձորն ու դարան մտնեմ մյուս ծայրում, ― ասաց Անսելմոն։ Հետո կանգ առավ։ ― Ների՛ր ինձ, Ingles: Չեմ ուզում, որ սխալ լինի։ Կարող է այնպես չեմ հասկացել, ոնց որ պետք է։

― Ի՞նչը, ― ցածրաձայն հարցրեց նա։

― Կրկնի՛ր, թե ինչ պետք է անեմ։

― Ես որ կրակեցի, դու էլ կկրակես։ Ժամապահիդ սպանելուց հետո կամուրջը կանցնես, կգաս մոտս։ Ուսապարկերը ներքևում կլինեն, ոնց որ ասել եմ, այնպես էլ կսկսես տեղավորել պայթուցիկները։ Ես քեզ ամեն ինչ կասեմ։ Եթե ինձ մի բան պատահի, ինքդ կանես ամեն ինչ, ոնց որ ցույց եմ տվել։ Չաճապարես, կանես ինչպես հարկն է, փայտե սեպերը լավ կմեխես իրենց տեղերն ու նռնակները կկապես դրանց։

― Ամեն ինչ պարզ է, ― ասաց Անսելմոն։ ― Ամեն ինչ հիշում եմ։ Լույսը որ բացվի, լավ պահ մտիր։

― Կրակելուց առաջ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― մի քիչ հանգստացիր, որպեսզի չվրիպես։ Մի մտածիր, թե դիմացինդ մարդ է, հաշվիր, որ թիրախ է, de acuerdo:[138] Նշան կբռնես մի կետի։ Ուղիղ փորին, եթե դեմքով է դեպի քեզ կանգնած։ Եթե թիկունքով է դեպի քեզ՝ մեջքին։ Լսի՛ր, ծերո՛ւկ։ Եթե նստած լինի, իմ կրակելուց հետո միայն կկանգնի, որպեսզի վազի կամ պառկի։ Հենց այդ պահին կրակիր։ Եթե նստած մնա, էլի կրակիր։ Չսպանես։ Բայց չվրիպես։ Դարան կմտնես հիսուն յարդի վրա։ Դե դու որսորդ ես։ Էլ քեզ ի՞նչ ասեմ։

― Կանեմ ոնց որ հրամայում ես, ― ասաց Անսելմոն։

― Այո։ Հրամայում եմ անել այդպես, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Լավ էր հիշեցի ու որպես հրաման տվեցի հանձնարարությունը, մտածեց նա։ Դա նրան կօգնի, որպեսզի լավ զգա։ Ինչ֊որ չափով անեծքից կխուսափի։ Համենայն դեպս, ես կարծում եմ, որ նա այդպես է մտածում։ Գոնե ինչ֊որ չափով։ Ես մոռացել էի, թե նա ինչ ասաց ինձ սպանության մասին մեր հանդիպման առաջին օրը։

― Հրամայում եմ այդպես անել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Հիմա գնա։

― Me voy, ― ասաց Անսելմոն։ ― Ցտեսություն, Ingles:

― Ցտեսություն, ծերո՛ւկ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

Հիշեց հորը, երկաթուղային կայարանում, հրաժեշտի արցունքները, այն ժամանակ salud չասաց, ոչ էլ մնաս բարով, հաջողություն, կամ նման բան։

― Հրացանի խողովակը մաքրե՞լ ես, ծերո՛ւկ, ― ասաց շշուկով։ ― Թե չէ գնդակը ճիշտ չի արձակի։

― Քարայրում, ― ասաց Անսելմոն։ ― Բոլորն էլ շամփուրով մաքրել եմ։

― Ուրեմն ցտեսություն, ― ասաց Ռոբերտ Ջորդանը և ծերունին պարանե ներբանով կոշիկներն հագին անաղմուկ, մեծ֊մեծ քայլերով գնաց ծառերի միջով։

Ռոբերտ Ջորդանը պառկեց սոճու ասեղնատերևով պատված գետնին և ականջ դրեց սոճիների ճյուղերի մեջ լուսաբացին պտտվող քամու շրշյունին։ Ավտոմատի պահեստատուփն հանեց ու փակաղակը մի քանի անգամ ետ ու առաջ տվեց։ Հետո փակաղակը քաշեց, ավտոմատը մթության մեջ շրջեց, փողի ծայրն առավ շրթունքների արանքն ու փչեց յուղահամ, լպրծուն մետաղի անցքի մեջ։ Այնուհետև զենքը դրեց նախաբազկին, փակաղակը դեպի վեր, որպեսզի ասեղնատերև կամ կեղտ չընկնի մեջը, մթության մեջ պահեստատուփից փամփուշտները բթամատով մեկ֊մեկ հանեց ու դրեց գետնին փռած թաշկինակի վրա, հետո ամեն մի փամփուշտը մատների մեջ շուռումուռ տալով նորից մտցրեց իրենց տեղերը։ Պահեստատուփն հիմա նորից էր ծանրացել, տեղադրեց այն ավտոմատի վրա ու լսեց տեղն ընկելու չխկոցը։ Երեսնիվայր պառկեց սոճու բնի ետևը, ― ավտոմատը գցած ձախ նախաբազկին, ― և նայեց ներքևում երևացող լույսին։ Լույսը երբեմն կորչում էր, կռահեց, որ ժամապահն է այդ պահերին կանգնած լինում կրակարանի դիմաց։ Ռոբերտ Ջորդանը այդտեղ պառկել ու սպասում էր լուսաբացին։

Գլուխ քառասուներկուերորդ

Այն միջոցին, երբ Պաբլոն սարերից վերադարձել էր քարայր, երբ խումբը սարալանջով իջել էր այնտեղ, ուր թողնելու էին ձիերին, Անդրեսը շատ արագ ընթացքով շարժվել էր դեպի Գոլցի գլխավոր շտաբը։ Մոտոցիկլը դուրս էր եկել Նավասեռադա տանող գլխավոր ճանապարհը, որով բեռնատարներ էին իջնում։ Այնտեղ ստուգման կետ կար։ Գոմեսը ցույց էր տվել փոխգնդապետ Միրանդայի տված անցագիրը, ժամապահը ձեռքի լապտերիկի լույսը գցել էր վրան, ցույց էր տվել կողքի ժամապահին, վերադարձրել էր ու պատվի առել։

― Siga, ― ասել էր նա։ ― Շարունակեք ճանապարհը։ Բայց լույսը հանգցրեք։

Շարժիչը նորից էր հռնդացել։ Անդրեսը կառչել էր առաջին նստարանի ետևի բռնակից, իսկ Գոմեսը բեռնատարների հոսանքում խուսավարելով մոտոցիկլը քշել էր առաջ։ Բեռնատարները գնում էին երկար շարասյուն կազմած, ոչ մեկի լապտերը չէր վառվում։ Դիմացից նույնպես բեռնված մեքենաներ էին գալիս ամպի պես փոշի բարձրացնելով, որն Անդրեսը չէր տեսնում, այլ միայն զգում էր դեմքին ու ատամների տակ։

Հիմա գնում էին մի բեռնատարի պոչին կպած, Գոմեսն արագությունն ավելացրեց, մոտոցիկլը փնչացրեց ու առաջ անցան այդ մեքենայից, հետո մեկ ուրիշից, էլի, էլի, իսկ հանդիպակաց բեռնատարները մռնչալով անցնում էին իրենց ձախ կողմով։ Իրենց ետևից մարդատար մի ավտոմեքենա էր գալիս, որն իր անդադրում ձայնազդանշանի ծվծվոցը խառնել էր բեռնատարների աղմուկին, փոշուն, հետո էլ ցոլարձակ լապտերները միացրեց, լուսավորեց բարձրացած փոշու դեղին ամպը, արագությունն ավելացրեց և ձայնազդանշանի համառ պահանջկոտ, սպառնագին, գանահարող ճչոցով եկավ ու անցավ կողքներով։

Հետո առջևում բեռնատարները կանգ առան, և Գոմեսը խուսավարելով սանիտարական, շտաբային մեքենաների, զրահապատների և դարձյալ ցցված ու փոշոտ հրանոթներով ու ծանր, մետաղակուռ կրիաների նմանվող զրահապատների արանքներով քշեց մոտոցիկլը մինչև հաջորդ ստուգման կետը, որտեղ վթար էր տեղի ունեցել։ Մի բեռնատար կանգ էր առել, ետևից եկողը չէր նկատել ու բախվել էր և ջարդել առաջինի թափքի կողը, բարձված արկղերը թափվել էին ճանապարհի վրա։ Արկղերից մեկը փշրվել էր, երբ Գոմեսն ու Անդրեսը իջան և մոտոցիկլը քաշ տալով գնացին դեպի ստուգման կետը, որպեսզի ցույց տան անցագիրը, Անդրեսը քայլում էր հող ու փոշու մեջ սփռված հազարավոր փամփուշտների վրայով։ Երկրորդ բեռնատարի ռադիատորն էր ճզմվել։ Երրորդն եկել ու թեթև դեմ էր առել երկրորդի պոչին։ Ետևից եկող տասնյակ մեքենաներ կպել էին իրար պոչի, շարասյան կողքով ետ ու առաջ վազող երկարաճիտ սապոգներով մի սպա գոռգոռալով ասում էր վարորդներին, որ մեքենաները ետ չտան, սպասեն, մինչև որ ջարդված բեռնատարները մի կողմի վրա քաշեն։

Բեռնատարները շատ֊շատ էին, նրանք կարող էին ետ տալ միայն այն ժամանակ, երբ սպան հասներ վերջին մեքենային և հասկացներ, որ շարասյան կողքով առաջ շարժվեին, Անդրեսը տեսավ, որ սպան լապտերիկը ձեռքին վազում է, գոռում ու հայհոյում մթության մեջ, որպեսզի բեռնատարները կանգ առնեն։

Ստուգման կետի ժամապահը անցագիրը ետ չէր տալիս։ Երկուսն էին այդտեղ, երկուսն էլ հրացանով ու ձեռքի լապտերիկով, նրանք նույնպես գոռգոռում էին։ Նա, ում ձեռքին էր անցագիրը, անցավ ճանապարհի մյուս կողմը, որպեսզի ներքև գնացող բեռնատարի վարորդին ասի, որ մյուս ստուգման կետում մեքենաները պահեն՝ մինչև այս խառնաշփոթը կարգավորվի։ Բեռնատարի վարորդը լսեց ու շարունակեց ճամփան։ Հետո անցագիրը տակավին ձեռքին, մոտեցավ բեռը թափված մեքենայի վարորդին ու գոռգոռալով ասաց․

― Թո՛ղ, աստծու սիրույն, և գնա՛, որպեսզի մաքրվի ճանապարհը։

― Հաղորդակս փչացել է, ― ասաց վարորդը՝ կռացած նայելով մեքենայի ետևի մասը։

― Հաղորդակիդ էլ, քեզ էլ։ Քշի՛ր, ասացի։

― Փչացած դիֆերենցիալով չես քշի, ― ասաց վարորդը և նորից կռացավ։

― Դե թող մեկնումեկը քաշի քեզ, որ պրծնենք այս մուռտառությունից։

Վարորդը խոժոռ նայեց ժամապահին, որը լապտերիկի լույսը գցել էր մեքենայի խփված ետնամասին։

― Քշի՛ր։ Քշի՛ր, ― գոռաց, անցագիրը դեռևս ձեռքին պահած ժամապահը։

― Փաստաթղթերս, ― ասաց Գոմեսը։ ― Անցագիրս։ Ախր մենք շտապում ենք։

― Վերցրո՛ւ։ Գրողի ծոցը, ― ասաց, մեկնեց փաստաթղթերն ու վազեց, որ կանգնեցի ներքևից եկող բեռնատարը։

― Գնա խաչմերուկում շուռ արի ու քաշիր֊տար այս մեքենան, ― ասաց վարորդին։

― Ինձ կարգադրված է․․․

― Ես քո կարգադրության․․․ Արա ոնց որ ասում եմ։ ― Վարորդը մեքենան շարժեց ու գնաց՝ ետևից փոշի բարձրացնելով։

Գոմեսը մոտոցիկլը հանեց ջարդված մեքենայի ետևից, տարավ ճանապարհի հիմա արդեն ազատ աջ կողմը, Անդրեսը նստեց, ամուր կառչեց բռնակից, նայեց, տեսավ, թե ինչպես ժամապահը կանգնեցրել էր մի նոր մեքենա ու գլուխը խցիկից դուրս հանած վարորդին ինչ֊որ բան էր ասում։

Հիմա նրանք արագ գնում էին ճանապարհով, որը վեր, միշտ վեր էր տանում՝ դեպի լեռները։ Վերև գնացող ավտոշարասյունը կանգնել֊մնացել էր ստուգման կետում, միայն վերևից էին մեքենաներ գալիս, և մոտոցիկլի ձախ կողմով սլանում֊գնում էին ցած, մինչև մոտոցիկլը արագ ու համաչափ ընթացքով բարձրանում էր լեռնային ճանապարհով և շուտով հասավ վթարից առաջ ստուգման կետն անցած ավտոշարասյանը։

Լույսերը դեռևս հանգցրած՝ առաջ անցան նախ չորս զրահապատից, հետո զինվորներով բեռնավորված մեքենաների շարասյունից։ Զինվորները լուռ նստել էին մթության մեջ, Անդրեսն սկզբում իր գլխավերևում, փոշու մեջ, թափքերի վրա խռնված մարմինների սոսկ ներկայությունն զգաց։ Հետո, երբ ետևից եկող շտաբի մի ուրիշ մեքենա, որն անընդհատ ձայնային ազդանշաններ էր տալիս, ցոլարձակ լապտերի լույսը գցեց բեռնատարի վրա, նա որոշակիորեն տեսավ զինվորներին՝ պողպատյա սաղավարտներով, հրացաններն ուսերին, տեսավ գնդացիրները փողերը, որ դեպի երկինք էին ուղղված և պարզ երևում էին գիշերվա խավարում, որը նորից կուլ էր տալիս ամեն ինչ, հենց որ մեքենաների լապտերներն հանգում էին։ Մի պահ, երբ նորից էին մեքենաներին բեռնված զինվորներ անցնում, լույսն ընկավ նրանց վրա, և Անդրեսը նկատեց, որ նրանց դեմքերը քարացած էին ու տխուր։ Զինվորները պողպատյա սաղավարտներով էին, խավարի միջով, բեռնատարների թափքերին նստած նրանք գնում էին այնտեղ, որտեղից, այդքան միայն գիտեին, հարձակում է սկսվելու, յուրաքանչյուրի դեմքին երևում էին այն խոհերը, որ մարդիկ ամաչելով թաքցնում են ցերեկը, ու դրանք չեն երևում մինչև ռմբակոծությունն ու հարձակման սկիզբը, այն պահը, երբ դեմքի մասին ոչ մեկն այլևս չի մտածում։

Անդրեսը, նստած մոտոցիկլին, որը Գոմեսը քշում էր շտաբի մեքենայի ետևով, հայացքը մի բեռնատարից մյուսին էր տեղափոխում և նման մտքեր չէին, որ ծագում էին նրա գլխում զինվորների դեմքերին նայելիս։ «Ա՛յ թե բանակ է, ― մտածում էր նա։ ― Ինչպիսի հանդերձանք։ Ինչպիսի՜ մեխանիզացիա։ Vaya gente: Նայի՛ր ինչ մարդիկ են։ Ահա Հանրապետության բանակը։ Նայի՛ր նրանց։ Բեռնատար բեռնատարի ետևից։ Բոլորը միատեսակ համազգեստով։ Բոլորի գլխին պողպատյա սաղավարտ։ Նայի՛ր բեռնատարների վրայի ինքնաթիռներին ուղղված maguina֊ներին։ Նայի՛ր ինչ բանակ է ստեղծվել»։

Եվ երբ մոտոցիկլը առաջ էր անցնում զինվորներով բեռնված բարձր, գորշ բեռնատարներից, առաջ էր անցնում քառակուսի բարձր խցիկներով և քառակուսի այլանդակ ռադիատորներով գորշ բեռնատարներից, երբ համաչափ ընթացքով բարձրանում էր փոշու միջով և ետևից եկող շտաբի մեքենայի փախչող լույսի տակ երևում էին բեռնատարների թափքերի ետևին ու կողերին գծված բանակի կարմիր աստղերը, և երբ մոտոցիկլը սկսեց հաղթահարել զառիթափն ու օդը ցրտեց և ճանապարհի ոլորանները շատացան, երբ բեռնատարներն սկսեցին փնչացնել ու ճռճռալ, և մի քանի ռադիատորների վրա շտաբի մեքենայից ընկնող լույսի տակ գոլորշի երևաց, երբ մոտոցիկլը նույնպես սկեց փնչացնել, Անդրեսը, ամուր կառչաց իր առջևի բռնակից, մտածեց, որ այս ճանապարհորդությունը մոտոցիկլով mucho, mucho է։ Մինչ այդ նա երբեք մոտոցիկլով տեղ չէր գնացել, իսկ հիմա հարձակման վայրը գնացող մեքենաների արանքներով երբ բարձրանում էին սարն ի վեր, նա հասկացավ, որ երբեք չի կարողանա հասցնել վերադառնալ ու մասնակցել պահակակետերի վրա կատարվելիք հարձակման։ Մեքենաների այսպիսի երթևեկության ու իրարանցման պայմաններում եթե հաջողվեց նույնիսկ վաղը երեկոյան վերադառնալ, էլի մեծ հաջողություն է։ Նա մինչև օրս երբեք ոչ մի հարձակում կամ հարձակման նախապատրաստություն չէր տեսել, և հիմա, երբ գնում էին ճանապարհով, նա հիացած նայում էր ու մտածում, թե այս ինչ մեծ ու հզոր բանակ է ստեղծել Հանրապետությունը։

Հիմա նրանք անցնում էին ճանապարհի մի երկար հատված, որը տանում էր դեպի լեռան բարձունքը, զառիթափն այնքան շեշտակի դարձավ, որ Գոմեսն առաջարկեց իջնել մոտոցիկլից և հրելով բարձրանալ վերջին հատվածը։ Լեռան կատարի հենց ետևը ճանապարհը թեքվում էր ձախ, մեքենաները կարող էին այդտեղ շրջադարձ անել, այդտեղ՝ երկնքի ֆոնի վրա խավարում ծառացած մեծ ու երկար քարե շենքի պատուհաններում, լույսեր երևացին։

― Գնանք հարցնեք, թե որտեղ է շտաբը, ― ասաց Գոմեսն Անդրեսին ու մոտոցիկլը տարավ դեպի քարի շենքի մուտքի մոտ, որտեղ երկու ժամապահ էին կանգնած։ Գոմեսը մոտոցիկլը հենեց պատին, այդ պահին դուռը բացվեց, լույսի մեջ երևաց կաշվե բաճկոնով մի մոտոցիկլիստ՝ ուսից սուրհանդակի պայուսակը կախած, կողքին փայտե պատյանով մաուզեր ատրճանակ։ Դուռը փակվեց, նա մթության մեջ գնաց գտավ իր մոտոցիկլը, հրելով տարավ՝ մինչև որ շարժիչն աշխատեց, և մեքենան ոռնոցով գնաց ճանապարհն ի վեր։

Գոմեսը դիմեց դռան մոտ կանգնած ժամապահներից մեկին․

― Կապիտան Գոմես, վաթսունհինգերորդ բրիգադից, ― ասաց նա։ ― Դուք կարո՞ղ եք ինձ ասել, թե որտեղ է գտնվում Երեսունհինգերորդ դիվիզիայի հրամանատար գեներալ Գոլցի շտաբը։

― Այստեղ չէ, ― ասաց ժամապահը։

― Իսկ ի՞նչ է այստեղ։

― Comandanica֊ն։

― Ի՞նչ comandanica:

― Դե comandanica:

― Ինչի՞ comandanica:

― Դու ո՞վ ես, որ ինձ այդքան հարց ես տալիս, ― ասաց ժամապահը Գոմեսին մթության մեջ։ Այստեղ, սարի կատարին, երկինքը շատ մաքուր էր, աստղալից, և Անդրեսը ճանապարհի այդ փոշուց հետո, հիմա պարզ տեսնում էր ամեն ինչ։ Ներքևում, որտեղ ճանապարհը թեքվում էր դեպի աջ, նա տեսնում էր երկնքի ֆոնի վրա պատկերվող բեռնատար ու մարդատար ավտոմեքենաների ուրվագծերը։

― Ես կապիտան Ռոխելիո Գոմեսն եմ, Վաթսունհինգերորդ բրիգադի առաջին գումարտակից և հարցնում եմ որտե՞ղ է գեներալ Գոլցի շտաբը, ― ասաց Գոմեսը։ Ժամապահը դուռը մի փոքր բացեց ու գոռաց․

― Կապրալին կանչեք։

Հենց այդ պահին ճանապարհից շտաբի մի ավտոմեքենա շրջվեց և եկավ կանգ առավ քարե շենքի դռան մոտ, որտեղ Անդրեսն ու Գոմեսը ժամապահի կողքին կանգնած սպասում էին կապրալին։

Մեքենայից բարձրահասակ, տարիքն արդեն առած ու գեր մի մարդ դուրս եկավ, գլխին խակի գույնի չափազանց մեծ մի բերետ կար, այնպիսին, որը հագնում են ֆրանսիական բանակի հետևակային զորամասերի զինվորները, ձեռքին՝ պլանշետ, վերարկուի վրայից կապված գոտուց կախված էր ատրճանակը։ Նրան ուղեկցում էին Ինտերնացիոնալ բրիգադի համազգեստով երկու սպա։

Նա խոսում էր ֆրանսերեն, Անդրեսը ոչինչ չէր հասկանում։ Գոմեսը, որը սափրիչ էր եղել, մի քանի բառ գիտեր։ Բարձրահասակ մարդը վարորդին ասում էր, որ մեքենան դռան մոտից քշի և տանի կանգնեցնի ծածկի տակ։

Երբ երկու սպաների ուղեկցությամբ նա եկավ դեպի դուռը, Գոմեսը լույսի տակ պարզ տեսավ նրա դեմքն ու ճանաչեց։ Նրան տեսել էր միտինգներում, Mundo obrero֊յում կարդացել էր ֆրանսերենից թարգմանված նրա հոդվածները։ Ճանաչեց նրա թավ հոնքերը, մոխրագույն խոնավ աչքերը, դա Ֆրանսիայի մերօրյա հեղափոխական սերնդի մեծագույն դեմքերից մեկն էր, նա էր ապստամբության հանել ֆրանսիական սևծովյան նավատորմի նավաստիներին։ Գոմեսը գիտեր, որ այս մարդը շատ բարձր քաղաքական դիրք է գրավում Ինտերնացիոնալ բրիգադներում և հաստատ կիմանա, թե որտեղ է Գոլցի շտաբն ու իրենց կուղարկի այնտեղ։ Գոմեսը չգիտեր, թե ժամանակներն ինչպես էին փոխել այս մարդուն, թե ինչպիսի հիասթափություն էր ապրում նա, ինչքան էր անձնական ու քաղաքական կյանքից դժգոհ և ինչպիսի անհագ փառասիրությամբ էր տառապում, նա չգիտեր, որ ավելի վտանգավոր բան չի կարող լինել, քան այս մարդուն որևէ հարցով դիմելը։ Գոմեսը չիմանալով այս ամենը, գնաց նրան ընդառաջ, պատվի առավ սեղմած բռունցքով և ասաց․

― Ընկեր Մարտի, մենք զեկուցագիր ենք բերել գեներալ Գոլցին։ Դուք կարո՞ղ եք մեզ ասել, թե որտեղ է նրա շտաբը։ Շատ շտապ է։

Բարձրահասակ, տարիքն առած գեր մարդը շրջեց գլուխը, խոնավ աչքերը հառած ուշադիր նայեց Գոմեսին։ Նույնիսկ այստեղ, ռազմաճակատում, էլեկտրական լամպի պայծառ լույսի տակ, գիշերային զովաշունչ օդում բաց մեքենայով ճանապարհներում լինելուց հետո, նրա գորշ դեմքը մեռելային տեսք ուներ, կարծես կերտված լիներ ծեր, շատ ծեր առյուծի ճիրանների տակի մեռած հյուսվածքներից։

― Ի՞նչ կա, ընկեր, ― հարցրեց Գոմեսին իսպաներեն՝ կատալոնյան ընդգծված առոգանությամբ։ Նրա հայացքը սահեց Անդրեսի վրա, հետո նորից ուղղվեց Գոմեսին։

― Զեկուցագիր ենք բերել, պետք է հանձնել գեներալ Գոլցի շտաբին, ընկեր Մարտի։

― Որտեղի՞ց է, ընկեր։

― Ֆաշիստների թիկունքից, ― ասաց Գոմեսը։

Անդրե Մարտին ձեռքը մեկնեց, վերցրեց զեկուցագիրն ու մյուս փաստաթղթերը, մի հայացք գցեց վրան ու դրեց գրպանը։

― Երկուսին էլ ձերբակալի՛ր, ― ասաց պահակախմբի կապրալին։ ― Խուզարկի՛ր, կբերես, երբ որ ասեմ։

Զեկուցագիրը գրպանում նա մտավ քարե շենքը։

Գոմեսին ու Անդրեսին տարան պահակասենյակ ու սկսեցին խուզարկել։

― Այդ ի՞նչ եղավ այդ մարդուն, ― հարցրեց Գոմեսը ժամապահներից մեկին։

― Esta loco, ― ասաց ժամապահը։ ― Խելագար է։

― Ո՞նց թե։ Դա քաղաքական նշանավոր դեմք է, ― ասաց Գոմեսը։ ― Ինտերնացիոնալ բրիգադների գլխավոր կոմիսարն է։

― Apesar de eso, esta loco, ― ասաց պահակախմբի կապրալը։ ― Միևնույն է, խելագար է։ Ի՞նչ եք անում ֆաշիստների թիկունքում։

― Այս ընկերը պարտիզան է, այնտեղից է, ― ասաց Գոմեսը, մինչ ժամապահը խուզարկում էր նրան։ ― Զեկուցագիր է բերել գեներալ Գոլցին։ Փաստաթղթերս լավ պահիր։ Տե՛ս, չկորցնես փողերս, այս բեկորն էլ։ Առաջին անգամ դրանով եմ վիրավորվել։ Գվադամառայում։

― Մի՛ անհանգստանա, ― ասաց կապրալը։ ― Դնում եմ այս դարակի մեջ։ Ինչո՞ւ ինձ չհարցրիք, թե որտեղ է Գոլցը։

― Ուզում էի։ Ժամապահին հարցրեցի, նա քեզ կանչեց։

― Բայց այդ պահին խելագարը վրա եկավ ու դու նրան հարցրեցիր։ Նրան երբեք ոչ մի բան պետք չէ հարցնել։ Խելագար է։ Քո Գոլցը այստեղից երեք կիլոմետր վերև է, գնում ես ուղիղ, հետո թեքվում ես աջ, անտառում ժայռի տակ։

― Հիմա չե՞ս կարող թողնել մեզ, գնանք։

― Չէ։ Ուզում ես գլխո՞վս պատասխան տամ։ Ես ձեզ պետք է տանեմ խելագարի մոտ։ Բացի այդ, զեկուցագիրը մոտն է, չէ՞։

― Որևէ մեկին չե՞ս կարող ասել։

― Կարող եմ, ― ասաց կապրալը։ ― Ղեկավարներից ում առաջինը տեսնեմ, նրան էլ կասեմ։ Բոլորն էլ գիտեն, որ նա խելագար է։

― Ես դրան միշտ էլ մեծ մարդ էի կարծում, ― ասաց Գոմեսը։ ― Ես դրան համարում էի Ֆրանսիայի պարծանքը։

― Գուցե պարծանք էլ է, ուրիշ բան էլ, ― ասաց կապրալն ու ձեռքը դրեց Անդրեսի ուսին, ― բայց խելագար է, կապելու է։ Գնդակահարելու մոլուցք ունի։

― Իսկապե՞ս գնդակահարում է։

― Como lo oyes,[139] ― ասաց կապրալը։ ― Այդ ծերուկը ավելի շատ է մարդ սպանում, քան բուբոնյան ժանտախտը։ Mata mas que la peste bubonica: Բայց նա ֆաշիստներին չի սպանում, ոնց որ մենք ենք անում։ Que va: Չեմ կատակում։ Mata bichos raros: Հազվագյուտ բաներ է սպանում։ Տրոցկիստներ։ Ուկլոնիստներ։ Հազվագյուտ գազաններ։

Անդրեսն այս բանից ոչինչ չէր հասկանում։

― Երբ Էսկորիայում էինք, չգիտեմ էլ, թե ինչքան մարդ գնդակահարեցինք սրա հրամանով, ― ասաց կապրալը։ ― Մեզ են միշտ ուղարկում գնդակահարելու։ Բրիգադների զինվորները հրաժարվում են իրենց ընկերների վրա կրակելուց։ Հատկապես ֆրանսիացիները։ Անախորժություններից խուսափելու համար մեզ են ուղարկում։ Գնդակահարել ենք ֆրանսիացիների։ Բելգիացիների։ Գնդակահարել ենք տարբեր ազգերի մարդկանց։ Ինչ տիպի ասես։ Tiene mania de fusilar gente:[140] Եվ բոլորին էլ քաղաքական բաների համար։ Խելագար է։ Purifica mas el Salvarsan: Այնպես մաքրեց՝ սալվարսանից էլ լավ։

― Ասելո՞ւ ես որևէ մեկին զեկուցագրի մասին։

― Իհարկե, բարեկամս։ Անպայման։ Ես այս երկու բրիգադի բոլոր մարդկանց ճանաչում եմ։ Ես նույնիսկ ռուսներին եմ ճանաչում, բայց նրանցից քչերն են իսպաներեն խոսում։ Մենք չենք թողնի, որ այդ խելագարը իսպանացիներին գնդակահարի։

― Իսկ զեկուցագի՞րը։

― Զեկուցագիրն էլ կվերցնենք։ Մի՛ անհանգստանա, ընկե՛ր։ Նա իր մարդկանց համար է միայն վտանգավոր։ Մենք նրան արդեն հասկացել ենք։

― Ներս բերեք կալանավորներին, ― լսվեց Անդրե Մարտիի ձայնը։

― Querels echar un trago, ― հարցրեց կապրալը։ ― Ուզո՞ւմ ես մի բան խմել։

― Ինչո՞ւ չէ։

Կապրալը պահարանից հանեց անիսոնով օղու շիշը, Գոմեսն ու Անդրեսը խմեցին։ Կապրալը նույնպես խմեց ու սրբեց բերանը։

― Vamonos, ― ասաց։

Պահակասենյակից դուրս եկան, անիսոնով օղին տաքացրել էր ամեն ինչ՝ և՛ բերան, և՛ որովայն, և՛ սիրտ։ Անցան սրահն ու մտան Մարտիի սենյակը։ Նա նստել էր սեղանի ետևը, քարտեզը փռել էր առաջը և կարմիր֊կապույտ մատիտը պահած ձեռքի մեջ զորավար էր խաղում։ Անդրեսի համար սա միայն մի բան էր նշանակում՝ ևս մի խոչընդոտ։ Չափից շատ խոչընդոտներ եղան այս գիշեր։ Միշտ էլ շատ են եղել։ Եթե փաստաթղթերդ կարգին են ու մաքուր սրտով ես եկել, վտանգավոր բան չկա։ Վերջիվերջո վերադարձնում են թղթերդ ու շարունակում ես ճամփադ։ Բայց Ingles֊ն ասաց, որ պետք է շտապել։ Հիմա նա գիտեր, որ արդեն չի կարողանա գնալ֊հասնել կամրջի կռվին, բայց գոնե զեկուցագիրը տեղ հասցնի, այնինչ սեղանի ետևում նստած ծերուկը վերցրել ու դրել էր գրպանը։

― Կանգնե՛ք այդտեղ, ― ասաց Մարտին առանց նրանց նայելու։

― Լսե՛ք, ընկեր Մարտի, ― պոռթկաց Գոմեսը անիսոնի օղու ազդեցության տակ ավելի կատաղած։ ― Մենք այս գիշեր արդեն մի անգամ լավ ուշացել ենք անարխիստների տգիտության պատճառով։ Երկրորդ անգամ ֆաշիստ բյուրոկրատի ծուլության։ Հիմա էլ, ահա, կոմունիստի կասկածամտության։

― Բերանդ փակի՛ր, ― ասաց Մարտին առանց հայացքը բարձրացնելու։ ― Միտինգի չես։

― Ընկեր Մարտի՛, սա շատ շտապ գործ է, ― ասաց Գոմեսը։ ― Սա շատ կարևոր գործ է։

Կապրալն ու զինվորը, որոնք նրանց հետ էին, մեծ հետաքրքրությամբ դիտում էին այս ամենը, կարծես հանդիսատեսներ լինեին մի ներկայացման, որը բազմիցս տեսել էին, բայց լավ մասերը միշտ էլ կարող էին վերստին վայելել։

― Ամեն ինչ էլ շտապ է, ― ասաց Մարտին։ ― Ամեն ինչ էլ կարևոր է։ ― Հիմա նայում էր նրանց մատիտը պահած ձեռքի մեջ։ ― Ինչպե՞ս իմացաք, որ Գոլցը այստեղ է։ Գիտե՞ք, թե ինչ է նշանակում հարձակմանն անմիջապես նախորդող պահին անվանապես հարցնել գեներալին։ Դուք որտեղի՞ց գիտեք, որ գեներալը այստեղ պիտի լինի։

― Դո՛ւ պատմիր, ― ասաց Գոմեսը Անդրեսին։

― Ընկեր գեներալ, ― սկսեց Անդրեսը։ Անդրե Մարտին չուղղեց Անդրեսին, որը սխալմամբ բարձրացրել էր իր զինվորական աստիճանը։ ― Ինձ այդ ծրարը ռազմագծի այն կողմում տվեցին, որպեսզի․․․

― Ռազմագծի այն կողմո՞ւմ, ― ասաց Մարտին։ ― Այո, նա ասաց, որ դու ֆաշիստների թիկունքից ես եկել։

― Ինձ տվեց, ընկեր գեներալ, մի Ingles, անունը Ռոբերտո, դինամիտավոր է, կամուրջ է պայթեցնելու։ Հասկանո՞ւմ ես։

― Շարունակի՛ր պատմությունդ, ― ասաց Մարտին Անդրեսին, պատմություն բառն օգտագործելով խաբեության, կեղծիքի, հորինվածքի իմաստով։

― Ուրեմն, ընկեր գեներալ, Ingles֊ն ասաց ինձ, որ ծրարը շատ շտապ բերեմ գեներալ Գոլցին։ Նա այսօր այս սարերում հարձակում է սկսելու, խնդրում ենք, ընկեր գեներալ, եթե դժվար չէ ձեզ համար, թույլ տվեք տանենք֊հասցնենք ծրարը։

Մարտին նորից թափ տվեց գլուխը։ Նա նայում էր Անդրեսին, բայց չէր տեսնում նրան։

Գոլցը, մտածում էր նա սարսափի ու հրճվանքի այն խառն զգացումով, որը մարդ ունենում է, երբ լսում է, որ իր մրցակիցը ավտովթարի զոհ է դարձել, կա անձնավորությունը, որին ատում է, բայց որի ազնվությանը երբեք չի կասկածել, խաբեության մեջ է մեղադրվում։ Որ Գոլցը նույնպես դրանցից է։ Որ Գոլցը այսպիսի ակնհայտ կապերի մեջ է ֆաշիստների հետ։ Գոլցը, որին շուրջ քսան տարի է, ինչ ճանաչում է։ Գոլցը, որ Լուկաչի հետ այն ձմռանը ոսկիով բեռնավորված գնացքը գրավեց Սիբիրում։ Գոլցը, որը կռվել է Կոլչակի դեմ, կռվել է Լեհաստանում, Կովկասում, Չինաստանում, հոկտեմբերի մեկից էլ այստեղ է։ Բայց նա Տուխաչևսկու հետ մոտ էր։ Այո, Վորոշիլովի հետ էլ։ Բայց Տուխաչևսկու։ Ուրիշ ո՞ւմ հետ։ Այստեղ, անշուշտ, Կարկովի։ Եվ Լուկաչի։ Դե հունգարացիները բոլորն էլ քսու տիպեր են։ Գալին ատում էր։ Գոլցը ատում էր Գալին։ Բայց Փուցին լավ է վերաբերվել։ Հիշի՛ր դա։ Եվ Դյուվալը նրա շտաբի պետն է։ Տես, թե ինչ է դուրս գալիս։ Հիշում ես, չէ՞, ոնց Կոպիկին հիմար անվանեց։ Պարզ է։ Փաստ է։ Հիմա էլ, ահա, զեկուցագիր։ Ֆաշիստների թիկունքից։ Չէ, փտած ճյուղերը պիտի էտես, որպեսզի ծառը առողջ մնա ու աճի։ Փտածը պետք է ակնհայտ դառնա, որպեսզի ոչնչացվի։ Այս էլ քեզ Գոլցը։ Ուրեմն Գոլցն էլ դավաճան պիտի դառնար։ Չէ, ոչ մեկին չպիտի վստահես։ Ոչ մեկին։ Երբեք։ Ոչ իսկ կնոջդ։ Ոչ իսկ եղբորդ։ Ոչ իսկ ամենահին ընկերոջդ։ Ոչ մեկին։ Եբրեք։

― Տարե՛ք դրանց, ― ասաց ժամապահներին։ ― Ուշադիր հսկեք։ ― Կապրալը նայեց զինվորին։ Մարտիի այս անգամվա ներկայացումը աշխույժ չէր։

― Ընկեր Մարտի, ― ասաց Գոմեսը։ ― Խելքներդ մի՛ թռցնեք։ Լսե՛ք ինձ՝ օրինապահ սպայիս, ընկերոջը։ Այս զեկուցագիրը պետք է հանձնել։ Այս ընկերը ֆաշիստական գիծն անցել է, որպեսզի բերի֊հանձնի ընկեր գեներալ Գոլցին։

― Տարե՛ք դրանց, ― հիմա արդեն մեղմ ասաց Մարտին պահակներին։ Որպես մարդկային էակների նա խղճում էր նրանց, գուցև անհրաժեշտ լինի վերացնել։ Բայց նրան ճնշում էր Գոլցի ողբերգությունը։ Ուրեմն Գոլցն էլ այսպես, մտածում էր նա։ Ֆաշիստների այս զեկուցագիրը հիմա ևեթ պետք է ցույց տալ Վառլովին։ Ոչ, ավելի լավ է տանի անձամբ Գոլցին և տեսնի, թե նա ինչպես է ընդունելու դա։ Այդպես էլ կանի։ Վառլովին ինչո՞ւ պետք է վստահի, Գոլցը նրա հետ էլ մոտ է եղել։ Ո՛չ։ Այս գործի մեջ շատ զգույշ պետք է լինել։

Անդրեսը դարձավ Գոմեսին․

― Ի՞նչ է, չի՞ ուզում զեկուցագիրն ուղարկել, ― հարցրեց։ Նա չէր կարողանում հավատալ դրան։

― Չե՞ս տեսնում, ― ասաց Գոմեսը։

― Me cago en su puta madre, ― ասաց Անդրեսը։ ― Esta loco:

― Այո, ― ասաց Գոմեսը։ ― Խելագար է։ Խելագար ես։ Լսո՞ւմ ես։ Խելագա՛ր, ― գոռալով ասաց Մարտիին, որը կարմիր֊կապույտ մատիտը ձեռքին հակվել էր քարտեզի վրա։ ― Լսո՞ւմ ես, խելագար մարդասպա՛ն։

― Տարե՛ք դրանց, ― ասաց Մարտին պահակին։ ― Խելքները թռցրեցին, երբ հասկացան, թե ինչ մեծ հանցանք են գործել։

Այդ նախադասությունը ծանոթ էր կապրալին։ Առաջ էլ էր լսել։

― Խելագար մարդասպան, ― գոռաց Գոմեսը։

― Hijo de la gran puta, ― ասաց Անդրեսը նրան։ ― Loco:

Այդ մարդու բթությունը կատաղեցրել էր նրան։ Թե խելագար է, թող տանեն խելագարների մոտ։ Թող զեկուցագիրը հանեն գրպանից։ Գրողի ծոցը այդ խելագարը։ Իսպանական ահավոր կատաղությունը սկսել էր ծառս լինել ու բարձրանալ նրա մեղմ ու բարի բնավորության վրա։ Մի փոքր էլ, և կուրացնելու էր նրան։

Մարտին, որ նայում էր քարտեզին, գլուխը տխուր թափ տվեց, երբ պահակը տարավ Գոմեսին ու Անդրեսին։ Պահակներին բավականություն էր պատճառել այն պահը, երբ նրանք սկսել էին հայհոյել Մարտիին, բայց, ընդհանուր առմամբ, ներկայացումը հիասթափություն էր պատճառել։ Շատ ավելի լավերն էին տեսել նրանք։ Անդրե Մարտին երբեք ոչ մի նշանակություն չէր տվել հայհոյանքներին։ Այնքան մարդիկ էին նրա հետ զրույցն ավարտել հայհոյանքներով։ Նա միշտ անկեղծորեն խղճացել էր նրանց որպես մարդկային էակների։ Միշտ մտածել էր նրանց մասին, և դա մեկն էր այն հատուկենտ անկեղծ մտքերից, որոնք դեռևս մնացել էին նրա մոտ և որոնք կարող էր իրենը համարել։

Նա նստել էր այդտեղ՝ բեղերն ու աչքերը սևեռած քարտեզին, որից երբեք ոչինչ չէր հասկացել, ու նայում էր շագանակագույն հորիզոնականների բարակ, համակենտրոն, ոստայնանման գծերին։ Նա գիտեր, որ դրանք բարձունքներ ու հովիտներ են ցույց տալիս, բայց ոչ մի կերպ չէր կարողանում ըմբռնել, թե ինչու այս մեկը բարձունք է, իսկ սա՝ հովիտ։ Եվ քանի որ Ինտերնացիոնալ բրիգադների քաղաքական կոմիսարը լինելով իրավունք ուներ ամնե ինչի միջամտելու, ուստի և գլխավոր շտաբում մատը դնում էր շագանակագույն, բարակ գծիկներով շրջապատված համարակալված մի քանի կետի վրա, որը զետեղված էր անտառային կանաչ գոտում և կտրատված էր գետերի ոլորապտույտ ընթացքին բոլորովին ոչ պատահականորեն զուգահեռ ճանապարհներով, և ասում էր․ «Ա՛յ, այստեղ։ Սա է թույլ կետը»։

Գալը և Կոպիկը, որոնք հաշվենկատ ու փառասեր քաղաքական գործիչներ էին, համաձայնվում էին, իսկ որոշ ժամանակ անց, մարդիկ, որոնք երբեք չէին տեսել քարտեզը, բայց որոնց հարձակմանը նախորդող պահին հաղորդել էին բարձունքի համարը, բարձրանում էին ու իրենց մահը գտնում նրա լանջերին, կամ էլ, դեռևս ստորոտին, ձիթենիների պուրակներից տեղացող գնդացրային կրակից։ Մեկ ուրիշ կողմից գուցեև ավելի հեշտ կլիներ բարձունքը գրավելը, բայց միևնույն է, դա էլ ոչ մի իմաստ չուներ։ Բայց երբ Գոլցի շտաբում Անդրե Մարտին մատը դնում է քարտեզի վրա, գլուխն սպիներով պատված և դժգույն դեմքով գեներալի ծնոտի մկանները ձգվում էին և նա մտածում էր․ «Ես ձեզ, Անդրե Մարտի, կգնդակահարեի և թույլ չէի տա, որ ձեր այդ փտած մատը քարտեզի վրա դնեք։ Անիծվե՛ք դուք, որ այնքան մարդկանց մահվան պատճառ դարձաք, ձեր չիմացած գործերին միջամուխ լինելով։ Անիծվեր այն օրը, երբ ձեր անունով տրակտորի գործարաններ, գյուղեր ու կոլտնտեսություններ սկսեցին կոչել, և դուք դարձաք խորհրդանիշ, դարձաք անձեռնմխելի, և հիմա այլևս չեմ կարող ես ձեզ դիպչել։ Գնացեք, կասկածեցե՛ք, սպառնացե՛ք, միջամտեցե՛ք, մատնեցե՛ք, գնդակահարեցե՛ք, գնացեք ուր ուզում եք, միայն թե հեռացե՛ք իմ շտաբից»։

Սակայն այդ ամենն ասելու փոխարեն, Գոլցը հենվում էր աթոռի թիկնակին, գլուխը ետ գցում այդ կռացած զանգվածից, ցցված մատից, խոնավ, մոխրագույն աչքերից, սպիտակող բեղերից, գարշահոտ շնչից և ասում էր․ «Այո՛, ընկեր Մարտի։ Ես ձեր տեսակետը հասկացա։ Բայց և այնպես, դա համոզիչ չէ, և ես ձեզ հետ համաձայն չեմ։ Դուք կարող եք գործել իմ գլխի վրայով։ Այո՛։ Դուք կարող եք դա, ինչպես ասացիք, կուսակցական հարց դարձնել։ Բայց ես ձեզ հետ համաձայն չեմ»։

Իսկ հիմա Անդրե Մարտին նստել էր դատարկ սեղանի վրա փռված քարտեզի դիմաց, էլեկտրական լամպի լույսն ընկել էր լայն բերետով ծածկված գլխին, նա բերետն առաջ էր քաշել, որպեսզի աչքերը լույսից պաշտպանի, նայում էր մոմատիպով բազմացված հարձակման հրամանին և դանդաղ, ուշադիր և ջանասիրաբար աշխատում էր քարտեզի վրա, ինչպես ռազմական ուսումնարանում սովորող երիտասարդ սպան, որին հանձնարարված է որևէ խնդիր վճռել։ Պատերազմը ամբողջովին կլանել էր նրան։ Մտովի ինքն էր զորքերի հրամանատարը։ Ինքն իրավունք ուներ միջամուխ լինելու որոշումներին, դրա համար էլ հավատացած էր, որ ինքն է գործողությունները ղեկավարում։ Եվ այսպես Ռոբերտ Ջորդանի Գոլցին ուղղված զեկուցագիրը նա դրել էր գրպանը։ Գոմեսն ու Անդրեսը սպասում էին պահակասենյակում, իսկ Ռոբերտ Ջորդանը պառկել էր անտառում, կամրջի մոտ։

Եթե Անդրե Մարտին Գոմեսին ու Անդրեսին չպահեր էլ, դժվար թե այդ առաքելությունը որևէ փոփոխություն մտցներ գործի ընթացքի մեջ։ Ռազմաճակատում չկար այնպիսի մի մարդ, որ հարձակումն հետաձգելու բավարար իշխանությամբ օժտված լիներ։ Մեքենան շատ վաղուց էր շարժման մեջ դրվել, և հնարավոր չէր հիմա միանգամից կասեցնել։ Ռազմական բոլոր գործողությունների ժամանակ էլ մեծ է իներցիայի ուժը։ Բայց երբ իներցիան հաղթահարվում է և մեքենան շարժման մեջ է դրվում, կասեցնելը նույնքան դժվար է, ինչքան սկսելը։

Իսկ այդ գիշեր, երբ բերետն աչքերին քաշած ծեր մարդը նստել էր սեղանի առաջ ու նայում էր դիմացը փռված քարտեզին, դուռը բացվեց և ներս մտավ ռուս լրագրող Կարկովը՝ երկու ուրիշ ռուսների հետ, որոնք քաղաքացիական հագուստներով էին, կաշվե վերարկուով և կեպիով։ Պահակախմբի կապրալը դուռը տհաճությամբ փակեց նրանց ետևից։ Կարկովը ղեկավարներից առաջինն էր, որ հայտնվել էր այդտեղ։

― Տովարիշչ Մարտի, ― ասաց Կարկովը քաղաքավարի֊արհամարհական շվշվախոսությամբ և ժպտաց՝ ցույց տալով փչացած ատամները։

Մարտին կանգնեց։ Նա Կարկովին չէր սիրում, բայց Կարկովը «Պրավդայից» էր և ուղիղ կապի մեջ էր Ստալինի հետ, տվյալ պահին Իսպանիայում գտնվող երեք ամենակարևոր մարդկանցից մեկն էր։

― Տովարիշչ Կարկով, ― ասաց նա։

― Հարձակո՞ւմն եք նախապատրաստում, ― ասաց ամբարտավանորեն՝ գլխով ցույց տալով քարտեզը։

― Ուսումնասիրում եմ, ― պատասխանեց Մարտին։

― Դո՞ւք եք հարձակումը ղեկավարում, թե՞ Գոլցը, ― անխռով շարունակեց Կարկովը։

― Ես լոկ կոմիսար եմ, ինչպես գիտեք, ― ասաց Մարտին։

― Չէ, ― ասաց Կարկովը։ ― Համեստություն եք անում։ Դուք իսկական գեներալ եք։ Քարտեզ ունեք, դաշտային հեռադիտակ։ Բայց մի ժամանակ դուք ադմիրալ եք եղել, չէ՞, ընկեր Մարտի։

― Հրետաձգի օգնական էի, ― ասաց Մարտին։ Սուտ էր։ Իրականում նա ապստամբության պահին եղել էր ավագ գրագիր։ Բայց վաղուց արդեն այն կարծիքին էր, որ հրետաձգի օգնական է եղել։

― Աա՜։ Ես կարծում էի, որ սովորական գրագիր եք եղել, ― ասաց Կարկովը։ ― Միշտ շփոթում եմ փաստերը։ Լրագրողին բնորոշ հատկություն։

Մյուս ռուսները խոսակցությանը չէին մասնակցում, նրանք Մարտիի ուսերի վրայով նայում էին քարտեզին և մեկ֊մեկ ինչ֊որ բաներ էին ասում իրար իրենց լեզվով։ Ողջույնից հետո Մարտին ու Կարկովը խոսում էին ֆրանսերեն։

― Կարևորն այն է, որ «Պրավդային» սխալ փաստեր չուղարկեք, ― ասաց Մարտին։ Ասաց միանգամից, կտրուկ, որպեսզի կարողանա նորից ինքն իրեն հավաքել։ Կարկովը միշտ էլ նրա փուքսն իջեցնում էր։ Ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ degonfler: Եվ այդ բանը Մարտիին տանջում էր, նա միշտ զգույշ էր նրա հետ զրուցելիս։ Երբ Կարկովը խոսում էր նրա հետ, նա մոռանում էր, որ ինքը Անդրե Մարտին է, որ իրեն Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն է լիազորել ու կարևոր հանձնարարությամբ գործուղել է այստեղ։ Մոռանում էր, որ ինքն անձեռնմխելի է։ Կարկովը միշտ, ցանկացած պահին և շատ հանգիստ դիպչում էր նրան։

― Ես սովորաբար ստուգում եմ փաստերը, հետո միայն հաղորդում «Պրավդային», ― ասաց Կարկովը։ ― «Պրավդայի» իմ հաղորդումները շատ ճշգրիտ են։ Ասացե՛ք, ընկեր Մարտի՛, Սեգովիայում գործող պարտիզանական ջոկատներից Գոլցին ուղարկված ինչ֊որ զեկուցագրի մասին որևէ բան լսե՞լ եք։ Այնտեղ մի ամերիկացի ընկեր է գտնվում հիմա, Ռոբերտ Ջորդան անունով, նա պետք է տեղեկություններ տար։ Հաղորդումներ եղան, որ այնտեղ ֆաշիստների թիկունքում մարտեր են տեղի ունեցել։ Նա զեկուցագիր պետք է ուղարկեր Գոլցին։

― Ամերիկացի՞, ― հարցրեց Մարտին։ Անդրեսը Ingles էր ասել։ Ահա թե ինչ։ Ուրեմն նա սխալվել է։ Եվ ինչո՞ւ էին այդ հիմարները դիմել իրեն։

― Այո, ― արհամարհանքով նայեց Կարկովը նրան, ― երիտասարդ մի ամերիկացի, քաղաքականապես ոչ այնքան զարգացած, բայց շատ լավ է ճանաչում իսպանացիներին և պարտիզանական գործի հիանալի մասնագետ է։ Այդ զեկուցագիրը, ընկեր Մարտի, հիմա տվեք ինձ։ Առանց այդ էլ շատ են ուշացրել։

― Ի՞նչ զեկուցագիր, ― հարցրեց Մարտին։ Անշուշտ դա շատ հիմար հարց էր, ինքն էլ գիտեր դա, բայց անկարող էր այդքան արագ ընդունել, որ ինքը սխալվել է և տվեց հարցը, որպեսզի ուշացնի նվաստացման պահը կամ խուսափի նվաստացումից։

― Եվ անցագիրը, ― ասաց Կարկովը փչացած ատամների արանքով։

Անդրե Մարտին ձեռքը տարավ գրպանը և զեկուցագիրը դրեց սեղանին։ Նա շեշտակի նայեց Կարկովի աչքերի մեջ։ Դե լավ։ Սխալվել էր, ի՞նչ կարող էր անել, բայց նվաստացման հետ չէր հաշտվում։

― Եվ անցագիրը, ― ցածրաձայն ասաց Կարկովը։ Մարտին անցագիրը դրեց զեկուցագրի կողքին։

― Ընկեր կապրալ, ― կանչեց Կարկովը իսպաներեն։ Կապրալը դուռը բացեց և ներս եկավ։ Նա արագ հայացք գցեց Մարտիի վրա, որը նայում էր իրեն որսաշներից հալածական ծեր վարազի նման։ Մարտիի դեմքին վախի արտահայտություն չկար, ոչ էլ նվաստացման։ Նա զայրացած էր, միայն այդքան, և եթե հալածական էր, ապա լոկ ժամանակավորապես։ Նա գիտեր, որ այս շները երբեք չեն կարողանա իր կոկորդից բռնել։

― Սրանք տվեք պահակասենյակի այն երկու ընկերներին և նրանց ուղարկեցեք գեներալ Գոլցի շտաբը, ― ասաց Կարկովը կապրալին։ ― Շատ են ուշացել։

Կապրալը դուրս եկավ, Մարտին հայացքով հետևեց նրան, հետո նայեց Կարկովին։

― Տովարիշչ Մարտի, ― ասաց Կարկովը։ ― Ես կիմանամ, թե դու ինչքանով եք անձեռնմխելի։

Մարտին շեշտակի նայեց նրան ու ոչինչ չասաց։

― Կապրալի դեմ չսկսեք ինչ֊որ բաներ սարքել, ― շարունակեց Կարկովը։ ― Կապրալն ինձ ոչինչ չի ասել։ Ես ինքս տեսա այդ երկուսին պահակասենյակում և նրանք դիմեցին ինձ (սուտ էր)։ Ես հույս ունեմ, որ մարդիկ միշտ էլ կդիմեն ինձ (դա ճիշտ էր, բայց իրեն կապրալն էր ասել)։ ― Կարկովը հավատացած էր, որ իր մատչելի լինելը բարիք է բերում մարդկանց, որ բարյացակամ միջամտությունը օգտակար է լինում։

― Գիտե՞ք, որ ՍՍՀՄ֊ում ես շատ նամակներ եմ ստանում «Պրավդայի» հասցեով, Ադրբեջանում մի անարդարություն է լինում, ինձ են գրում։ Դուք դա գիտեի՞ք։ Ասում են՝ «Կարկովը մեզ կօգնի»։

Անդրե Մարտին նայում էր նրան, և նրա դեմքի վրա ոչ մի արտահայտություն չկար, բացի զայրույթից ու զզվանքից։ Նրա ուղեղում հիմա միայն մի բան կար՝ Կարկովն իրեն վատություն արեց։ Դե լավ, Կարկով, հզոր ես, ճիշտ է, բայց զգույշ կաց։

― Այս դեպքում, իհարկե, հարցը մի փոքր ուրիշ է, ― շարունակեց Կարկովը, ― բայց սկզբունքորեն նույնն է։ Ես կիմանամ, թե դուք ինչքանով եք անձեռնմխելի, ընկեր Մարտի։ Ես կփորձեմ իմանալ, թե արդյոք հնարավոր չէ՞ տրակտորի այդ գործարանի անունը փոխել։

Անդրե Մարտին հայացքը շրջեց նրանից և նորից սկսեց նայել քարտեզին։

― Ի՞նչ էր գրել երիտասարդ Ջորդանը, ― հարցրեց Կարկովը։

― Չեմ կարդացել, ― ասաց Անդրե Մարտին։ ― Et maintenant fiche moi la paix,[141] ընկեր Կարկով։

― Լավ, ― ասաց Կարկովը։ ― Գնացի, զբաղվեք ձեր ռազմական գործերով։

Նա դուրս եկավ և գնաց պահակասենյակ։ Անդրեսն ու Գոմեսն արդեն գնացել էին, նա մի պահ կանգնեց այդտեղ, նայեց ճանապարհին, այգաբացի գորշավուն շողերի մեջ գծագրվող լեռների բարձունքներին։ Պիտի գնանք֊հասնենք այդտեղ, ասաց ինքն իրեն։ Հիմա արդեն շուտով։

Անդրեսն ու Գոմեսը դարձյալ նստել էին մոտոցիկլը և ճանապարհ ընկել։ Լուսանում էր։ Անդրեսը վերստին կառչել էր առջևի նստարանի բռնակից, իսկ մոտոցիկլը, ճեղքելով բարձունք տանող ուղին պարուրած գորշ մշուշը, բարձրանում էր կեռմաններով, և հանկարծ Գոմեսն արգելակեց, իջան, կանգնեցին զառիվայր ճանապարհի մեջտեղը։ Ներքևում, անտառի մեջ, իրենցից դեպի ձախ, սոճու ճյուղերով ծածկված տանկեր էին կանգնած։ Անտառը զորքով էր լցված։ Անդրեսը նկատեց, որ զինվորները երկար բռնակներով պատգարակներ են տեղափոխում ուսերին։ Դեպի աջ, ճանապարհից դուրս, ծառերի տակ, շտաբի ավտոմեքենաներ էին կանգնած, երեք հատ, դրանք նույնպես քողարկված էին սոճու ճյուղերով։

Գոմեսը մոտոցիկլը քշեց այդ մեքենաներից մեկի մոտ, հենեց մի ծառի և սկսեց խոսել վարորդի հետ, որը մեջքը դեմ էր արել ծառի բնին ու նստել հատակին։

― Արի տանեմ նրա մոտ, ― ասաց վարորդը։ ― Moto֊դ դիր մի կողմ, դրանցով էլ ծածկիր, որպեսզի չերևա։ ― Նա ցույց տվեց կտրված ճյուղերի կույտը։

Ծագող արևի շողերը ծառերի միջով ընկել էին ցած, Գոմեսն ու Անդրեսը գնում էին վարորդի ետևից, որի անունը Վիսենտե էր։ Զառիթափ ճամփով հասան բլինդաժ, որի կտուրից լարեր էին ձգված դեպի ծառերը, այնուհետև հեռո՜ւ֊ հեռո՜ւ։

Վարորդը գնաց ներս, իրենք մնացին մուտքի մոտ, Անդրեսը հիացած նայում էր բլինդաժին, որը հեռվից բլրի լանջին փորված սովորական փոս էր թվում։ Կողքերը, ինչքան հնարավոր էր նկատել մուտքից, հող չկար։ Երևում էր, որ խորն է, և բավական ընդարձակ, մարդիկ ազատ կարող են շարժվել, առանց վախենալու, որ գլուխները կխփեն գերանապատ առաստաղին։

Վարորդ Վիսենտեն դուրս եկավ։

― Նա վերևում է, այնտեղ, զորքերի մոտ, ― ասաց Վիսենտեն։ ― Ես ծրարը տվեցի շտաբի պետին։ Վերցրո՛ւ ստորագրությունը։

Նա Գոմեսին մեկնեց ստորագրված ծրարը։ Գոմեսը տվեց Անդրեսին, Անդրեսը նայեց ու դրեց շապիկի գրպանը։

― Ստորագրողի անունը ի՞նչ է, ― հարցրեց նա։

― Դյուվալ, ― ասաց Վիսենտեն։

― Լավ, ― ասաց Անդրեսը։ ― Դա այն երեքից մեկն է, որոնց պետք է հանձնեի։

― Սպասելո՞ւ ենք պատասխանին, ― հարցրեց Գոմեսը Անդրեսին։

― Լավ կլիներ։ Թեև աստված գիտի, թե որտեղ կարող եմ Ingles֊ին ու մյուսներին գտնել կամրջից հետո։

― Արի գնանք ինձ հետ, ― ասաց Վինսենտեն։ ― Մինչև գեներալը վերադառնա, մի սուրճ կխմես։ Սոված կլինես, արի։

― Այս ինչքա՜ն տանկ կա, ― ասաց Գոմեսը։

Նրանք անցնում էին ճյուղերով ծածկված ցեխագույն տանկերի կողքով, որոնց թողած թրթուրանիվների հետքերի վրա սոճու ասեղնատերևներ էին շաղ տվել։ Ճյուղերի արանքներից թնդանոթների 45 միլիմետրանոց փողերը դուրս էին ցցվել։ Կաշվե կիսավերարկու հագած ու գլուխներին ցցուն կողիկներով սաղավարտ դրած վարորդներն ու հրաձիգները մեջքները տվել էին տանկերին ու նստել գետնին, իսկ ոմանք պառկել֊քնել էին։

― Սրանք պահեստի տանկերն են, ― ասաց Վիսենտեն։ ― Զորքն էլ։ Հարձակումն սկսողները վերևում են։

― Շատ շատ են, ― ասաց Անդրեսը։

― Այո, ― ասաց Վիսենտեն։ ― Մի ամբողջ դիվիզիա։

Բլինդաժում Դյուվալը բացել էր Ռոբերտ Ջորդանից ստացված զեկուցագիրը, պահել էր ձախ ձեռքում և մերթ֊մերթ նայում էր նույն բազուկին կապված ժամացույցին։ Արդեն չորրորդ անգամ էր կարդում զեկուցագիրը, և ամեն ընթերցումից հետո զգում էր, թե ինչպես թևատակերից քրտինքը ծորալով իջնում է կողերն ի վար։

Հեռախոսով փորձում էր կապվել Գոլցի հետ։

― Դե ուրեմն միացրեք Սեգովիայի գործողությունների շրջանը։ Գնացե՞լ է։ Միացրեք Ավիլայի շրջանը։

Հեռախոսափողը ցած չէր դնում։ Բայց ոչ մի արդյունք։ Երկու բլինդաժների հետ էլ կապվել էր։ Գոլցը մեկնել էր զորադասավորումներն ստուգելու։ Զանգահարեց մի տեղ։ Չկար։

― Միացրեք օդանավակայան, ― ասաց Դյուվալը, միանգամից իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը։ Կկասեցնի հարձակումը, կկասեցնի իր պատասխանատվությամբ։ Պետք է կասեցնել։ Էլ ի՞նչ անակնկալ հարձակման մասին է խոսքը, երբ թշնամին պատրաստ սպասում է դրան։ Դա ոճրագործություն է։ Դու այդ բանը չես կարող թույլ տալ։ Պետք չէ թույլ տաս։ Ինչ ուզում է թող լինի։ Թող քեզ գնդակահարեն։ Կարող ես ուղղակի օդանավակայանի հետ կապվել, որպեսզի չսկսվի ռմբակոծությունը։ Իսկ եթե այս հարձակման նպատակը թշնամու ուշադրությունը շեղե՞լն է։ Եթե նրա համար է, որ զորքերն ու սպառազինությունը դո՞ւրս քաշեն։ Կարող է, չէ՞։ Այդ ե՞րբ են ասել, թե որ հարձակումը ինչ նպատակով է կատարվում։

― Օդանավակայանը պետք չէ, ― ասաց կապավորին։ ― Տվեք 69-րդ բրիգադայի դիտակետը։

Նա դեռ սպասում էր կապի, երբ լսվեց առաջին ինքնաթիռների ձայնը։

Այդ պահին միացրեցին դիտակետի հետ։

― Այո, ― հանգիստ ասաց Գոլցը։

Նա թիկունքը հենել էր ավազով լցված պարկին, ոտքերը դեմ տվել ժայռին ու նստել էր, սիգարետը կախվել էր ներքևի շրթունքից, խոսում էր և միաժամանակ մեկ վերև էր նայում, մեկ աջ ու ձախ։ Տեսնում էր եռյակների մեծացող սեպերը, որոնք արևի առաջին ճառագայթների հետ գալիս էին լեռների թիկունքից և, գեղեցիկ ու փայլփլուն, արծաթին տալով դղրդոցով ճեղքում էին երկինքը։ Եվ երբ արդեն ընկավ պրոպելլերների վրա, նա տեսավ, թե ինչպես նրանց շուրջ զույգ լուսապսակներ գոյացան։

― Այո, ― ասաց հեռախոսով ֆրանսերեն, որովհետև Դյուվալն էր խոսակիցը։ ― Nous sommes foutus. Oui. Comme toujours. Oui: C'est dommahe. Oui. Խայտառակ բան է, ինչո՞ւ այսքան ուշ իմացանք։

Նա հետևում էր ինքնաթիռներին, և նրա աչքերում հպարտություն էր երևում։ Այժմ արդեն պարզ տեսնում էր նրանց թևերի կարմիր տարբերանշանները, նայում էր, թե ինչպես անհողդողդ, վեհապանծ ընթացքով ու մռնչյունով նրանք ճեղքում են օդը։ Ահա թե ինչպես կարող էր լինել։ Մեր ինքնաթիռներն են սրանք։ Եկել են Սև ծովից, եկել են նավերով, կտրել են Մարմարան, Դարդանելը, Միջերկրականը, հետո զգուշորեն ափ են իջեցվել Ալիկանտեում, մասնագետները սիրով հավաքել են, փորձարկել և համոզվել, որ անթերի են, և հիմա նրանք սեղմ ու հստակ սեպեր կազմած, առավոտյան արևի ճառագայթների տակ արծաթին տալով գնում են դեպի հեռավոր այն բարձունքները, որպեսզի դղրդյունով հոդս ցնդեցնեն ամեն ինչ, ու մենք կարողանանք առաջ շարժվել։

Գոլցը գիտեր, որ ինքնաթիռներն հիմա կանցնեն իր գլխավերևով, և քիչ հետո գլխիվայր սուզվող սև դելֆինների նման ռումբերը կթափվեն բարձունքների վրա, և լեռների կատարները դղրդյունով օդ կբարձրանան, փոշու ամպերը կդառնան մի հոծ զանգված և ամեն ինչ կծածկեն տեսողությունից։ Այդ ժամանակ սարալանջերի երկու կողմերով տանկերը շռնդալով կսողան, և նրանց ետևից իր երկու բրիգադները առաջ կշարժվեն։ Այո, եթե հարձակումն անակնկալ լիներ, նրանք կարող էին գնալ ու գնալ, իջնել սարալանջով, անցնել կիրճը, մերթընդմերթ կանգ առնել, մաքրել ճանապարհը, դա շատ կարևոր է, տանկերի մի մասը մանևրելով ու գնդակոծելով կծածկի հետևակին, մյուսներն առաջ կշարժվեն, ու զինվորները կգնան նրանց ետևից, կգնան առաջ։ Այսպես կլիներ, եթե դավաճանություն տեղի չունենար, եթե յուրաքանչյուրն աներ այն, ինչ պարտավոր էր անել։

Դիմացն ահա երկու լեռնապարերն են, այստեղ են տանկերը, այստեղ են իր երկու հիանալի բրիգադները՝ պատրաստ հարկ եղած պահին անտառից դուրս գալու, երևացին, ահա, նաև ինքնաթիռները։ Ինչ պետք էր անել, ինքն արել է, և արել է ինչպես հարկն է։

Բայց երբ նայեց համարյա իր գլխավերևում գտնվող ինքնաթիռներին, զգաց, թե ինչպես աղիքները կծկվեցին, որովհետև այն պահից, երբ հեռախոսով հայտնեցին իրեն Ռոբերտ Ջորդանի զեկուցագրի բովանդակությունը, պարզ դարձավ, որ լեռների բարձունքներին ոչ ոք չի լինի, նրանք իջած կլինեն և պատսպարված նեղլիկ խրամատներում։ Թաքնված կլինեն անտառներում, հետո, երբ ռմբակոծիչներն հեռանան, նրանք կելնեն բարձունքներն ու գնդացիրներով, ավտոմատներով ու հակատանկային այն հրանոթներով, որոնց տեղափոխման մասին հայտնել էր Ջորդանը, կդիմավորեն մեզ, և մեր խայտառակությունների թիվը կավելանա ևս մեկով։ Իսկ ինքնաթիռները գալիս էին, գալիս էին այնպես, ինչպես որ պետք է գային, և Գոլցը, աչքերն հառած նրանց, ասաց հեռախոսով․

― Չէ։ Rien a faire: Rien: Faut pas penser: Faut accepter.[142]

Հայացքը սևեռած՝ Գոլցը հետևում էր ինքնաթիռներին իր խոժոռ, հպարտ աչքերով, որոնք գիտեին, թե ինչպես կարող էր լինել, բայց հակառակ դրան, ինչպես է լինելու, հպարտ նրանով, թե ինչպես կարող էր լինել, հավատացած նրան, թե ինչպես կարող էր լինել, եթե նույնիսկ երբեք չի լինելու, ասաց․

― Bon. Nous ferons notre petit possible,[143] և հեռախոսը կախեց։

Բայց Դյուվալը նրան չլսեց։ Նստած սեղանի առաջ, հեռախոսափողը ձեռքին, նա միայն ինքնաթիռների աղմուկն էր լսում և մտածում․ գուցե հիմա, ականջ դիր, գուցե այս անգամ ռմբակոծիչները հօդս ցնդեցնեն նրանց բոլորին, գուցե կարողանանք ճեղքել ճակատը, գուցե ստանա պահեստի ուժերը, որ խնդրել էր, գուցե սա է հենց, գուցե հենց այս անգամ է։ Դե։ Դե։ Ինքնաթիռների ոռնոցն այնքան ուժեղ էր, որ նա չէր կարողանում նույնիսկ իր մտքերը լսել։

Գլուխ քառասուներեքերորդ

Ռոբերտ Ջորդանը պառկել էր սոճու բնի ետևը, կամուրջ տանող ճանապարհի վերևն ընկած սարալանջին ու նայում էր, թե ինչպես է լուսանում։ Միշտ սիրել էր օրվա այս ժամը, հիմա էլ, երբ նայում էր, այնպիսի մի զգացողություն ունեցավ, կարծես իր մեջ ևս այղ աղոտ լույսն էր, կարծես ինքն էլ մի մասն էր արևածագին նախորդող այդ դանդաղ լուսացումի, երբ առարկաները մգանում են, իսկ միջոցը լուսավորվում է, գիշերվա վառ լույսերը դառնում են դեղնավուն ու հետո բոլորովին հանգում։ Իրենից դեպի ցած սարալանջին կանգնած սոճիների բները հիմա արդեն ընդգծված շագանակագույն էին, նոսր մեգով պատված ճանապարհը փայլփլում էր։ Հագուստը խոնավացել էր ցողից, անտառի փափուկ հատակին կիտված շագանակագույն ասեղնատերևնրը սորում էին արմունկների տակ։ Գետակի հունից բարձրացող թեթև մշուշի միջով նա տեսավ կամրջի պողպատյա ձողակառույցը, որն ուղիղ և ամուր կապով անդունդի երկու եզրերը միացնում էին իրար, տեսավ ժամապահների փայտյա զույգ խցիկները։ Գետակի վրա կախված մշուշով պարուրված ձողակառույցը նուրբ, եթերային տեսք ուներ տակավին։

Հիմա նա տեսնում էր խցիկում կանգնած ժամապահի թիկունքը, հագի թիկնոցը, ծոծրակը, որ երևում էր պողպատյա սաղավարտի տակից, երբ ձեռքերը տաքացնելու համար նա կռանում էր նավթի ծածկված ամանից սարքված կրակարանի վրա։ Ռոբերտ Ջորդանը լսում էր խորունկ, ժայռերի միջով վազող գետակի ձայնը, տեսավ ժամապահի խցիկից բարձրացող աննշմար, բարակ ծուխը։

Նա նայեց ժամացույցին և մտածեց, տեսնես Անդրեսը հասա՞վ Գոլցի մոտ։ Եթե, այնուամենայնիվ, պայթեցնելու ենք կամուրջը, լավ է դանդաղեցնեմ շնչառությունս, որպեսզի դանդաղի և ժամանակի ընթացքը, և ես զգամ այն։ Կարծում ես հասե՞լ է։ Հասե՞լ է Անդրեսը։ Եվ եթե հասել է, կկասեցնե՞ն հարձակումը։ Կհասցնե՞ն կասեցնել։ Que va: Էլ մի՛ մտածիր։ Կամ կկասեցնեն, կամ՝ ոչ։ Ուրիշ որոշում չի կարող լինել, քիչ մնաց, շուտով կիմանաս։ Ենթադրիր, որ կարող է հաջողությամբ ավարտվել հարձակումը։ Գոլցն ասաց՝ կարող է։ Հնարավորություն կա։ Եթե տանկերն իջնեն այս ճամփով, զորքը աջով շրջանցի Լա Գրանխան և ձախից էլ այս լեռնապարը, հնարավոր է։ Ինչո՞ւ չես ուզում մտածել, որ հարձակումը կարող է հաջողությամբ ավարտվել։ Այսքան ժամանակ որ միայն պաշտպանվելու մասին ենք մտածել, դրա համար էլ հիմա հարձակումը չես էլ պատկերացնում։ Իհարկե։ Բայց Գոլցի հետ մեր խոսակցությունից հետո այս ճանապարհով շատ զորք ու զինամթերք փոխադրեցին դեպի սարերը։ Ինքնաթիռներն եկան։ Չէ՛։ Այդքան միամիտ մի՛ լինի։ Բայց այս բանը հիշի՛ր՝ քանի դեռ մենք դիմադրում ենք ֆաշիստներին, նրանց ձեռքերն ու ոտքերը կապված են, և նրանք չեն կարող ուրիշ երկրների վրա հարձակվել, նրանք նախ պետք է մեր վերջը տան, իսկ մեր վերջը տալ երբեք չեն կարող։ Եթե ֆրանսիացիները մեզ օգնեն, սահմանները չփակեն, եթե Ամերիկայից ինքնաթիռներ ստանանք, նրանք չեն կարող մեր վերջը տալ։ Երբեք, եթե որևիցե օժանդակություն ստանանք։ Այս մարդիկ հավերժ կմարտնչեն, եթե լավ զինես։

Ո՛չ, այստեղ պետք չէ հաղթանակ ակնկալել, թերևս դեռ մի քանի տարի։ Սա էլ լոկ ուշադրություն շեղելու նպատակ ունեցող հարձակում է։ Պատրանքներով մի՛ տարվիր։ Իսկ եթե մեզ այսօր հաջողվի ճեղքե՞լ ճակատը։ Ախր սա մեր առաջին մեծ հարձակումն է։ Ողջամտությունդ մի՛ կորցրու։ Բայց եթե հաջողվի՞։ Մի՛ տաքանար, ասաց ինքն իրեն։ Հիշիր, թե այս ճանապարհով ինչեր փոխադրեցին։ Դու արեցիր այն ամենը, ինչ կարող էիր։ Մեզ պետք է կարճալիք դյուրակիր ռադիոկայան։ Մի օր դա էլ կլինի։ Բայց առայժմ չկա։ Իսկ հիմա ուշադիր նայի՛ր ու արա այն, ինչ պետք է անես։

Այս օրը միայն մեկն է այն բոլոր օրերից, որ երբևէ լինելու են։ Բայց այսօրվա քո անելիքից է կախված, թե ինչեր կպատահեն այդ երբևէ լինելիք օրերին։ Այդպես է եղել այս ամբողջ տարին։ Բազում անգամ է այդպես եղել։ Այդպես է եղել այս ամբողջ պատերազմի ընթացքում։ Լավ ճոռոմաբանն ես դարձել առավոտ լուսով, ասաց ինքն իրեն։ Դու նայիր, թե այնտեղ ինչ է կատարվում։

Նա տեսավ, թե ինչպես թիկնոցներն ուսերին և գլուխները պողպատյա սաղավարտով ծածկված երկու մարդ, հրացաններն ուսերին, դուրս եկան ճանապարհի ոլորանից ու քայլեցին դեպի կամուրջը։ Մեկը կանգնեց կամրջի հեռավոր ծայրի խցիկի մոտ ու չէր երևում։ Մյուսը դանդաղ, ոտքերը ծանր֊ծանր առաջ գցելով քայլում էր կամրջով։ Մի պահ կանգ առավ ու թքեց ներքև՝ անդունդը, հետո վերստին դանդաղ գնաց դեպի մոտակա խցիկը, որտեղ մի քանի խոսք փոխանակեցին ժամապահի հետ, ինքը մնաց այնտեղ, իսկ մյուսը, արագ քայլերով (որովհետև շտապում է սուրճի, մտածեց Ռոբերտ Ջորդանը) գնաց, բայց նույնպես կամրջի վրա կանգ առավ ու թքեց ցած՝ անդունդը։

Տեսնես սնահավատությո՞ւն է, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Ես էլ կթքեմ։ Ասենք, եթե ի վիճակի լինեմ թքելու։ Չէ՛։ Դա չի կարող դարման լինել։ Չի օգնի։ Ես պիտի մինչև կամուրջ դուրս գալս ապացուցեմ, որ դա չի օգնում։

Նոր ժամապահը մտել էր խցիկ ու նստել։ Հրացանը՝ սվինը վրան, հենել էր պատին։ Ռոբերտ Ջորդանը վերնաշապկի գրպանից հանեց հեռադիտակը, ակնապակիները պտտեցրեց այնքան, մինչև որ հստակ ու որոշակիորեն երևացին կամրջի հեռավոր մասն ու գորշ գույնով ներկված մետաղը։ Հետո շրջեց դեպի ժամապահի խցիկը։

Ժամապահը նստել էր ու կռթնել պատին։ Սաղավարտը կախված էր կեռիկից, դեմքը պարզ երևում էր։ Ռոբերտ Ջորդանը ճանաչեց նրան, երկու օր առաջ էլ, կեսօրից հետո, այդ նույն մարդն էր։ Հիմա էլ գլխին նույն գործած գլխարկն էր։ Էլի սափրված չէր։ Այտերը փոս էին ընկած, այտոսկրերը ցցված էին։ Թավ հոնքեր ուներ, որ գալիս֊միանում էին կենտրոնում։ Կարծես քունը գլխին էր, Ռոբերտ Ջորդանը տեսավ, որ նա հորանջում է։ Ժամապահը մի պտղունձ ծխախոտ լցրեց թղթի վրա ու փաթաթեց։ Փորձեց հրահանը վառել, չեղավ, դրեց գրպանն ու մոտեցավ կրակարանին, կռացավ, մի փայտածուխ վերցրեց, մատների մեջ խաղացնելով փչեց, հրահրեց և, սիգարետը վառելուց հետո, նորից գցեց կրակարանը։

Երբ վերստին նստեց ու խցիկի պատին կռթնած սկսեց ծխել իր սիգարետը, Ռոբերտ Ջորդանը Յեյս֊8 հեռադիտակով երկար նայում էր նրա դեմքին։ Հետո հեռադիտակն իջեցրեց և դրեց գրպանը։

Այլևդ չեմ նայելու նրան, ասաց ինքն իրեն։

Պառկած սկսեց նայել ճանապարհին ու փորձեց ոչ մի բանի մասին չմտածել։ Ներքևում մի սկյուռ չկչկացրեց սոճու ճյուղերի մեջ, Ռոբերտ Ջորդանն սկսեց դիտել ծառի բնով իջնող սկյուռին, որը մի պահ կանգ առավ և դիտեց իրեն նայող մարդու ուղղությամբ։ Ռոբերտ Ջորդանը տեսավ սկյուռի փոքր ու փայլփլուն աչքերը, հուզմունքից ցնցվող պոչը։ Սկյուռը թռավ ցած, երկար, ծուռումուռ ոստյուններով, պոչն այս ու այն կողմ գցելով մոտեցավ մի ուրիշ ծառի։ Ծառի բնով մագլցելիս վերստին կանգ առավ ու նայեց Ռոբերտ Ջորդանին, հետո իրեն գցեց մյուս երեսն ու կորավ տեսադաշտից։ Մի փոքր անց Ռոբերտ Ջորդանը նորից լսեց սկյուռի չկչկոցը, որն արդեն գալիս էր վերևի ճյուղերից, կրկին երևաց՝ փռվել էր բերանքսիվայր մի ճյուղի երկայնքով, իսկ պոչը վեր֊վեր էր գցում։

Սոճիների միջով Ռոբերտ Ջորդանը նորից նայեց ներքև՝ ժամապահի խցիկին։ Հանկարծ մի ցանկություն առաջացավ նրա մեջ՝ սկյուռը կողքին, գրպանում ունենալու ցանկություն, մի բան, որին կարելի է ձեռք տալ, դիպչել։ Արմունկները ետ ու առաջ սահեցրեց ասեղնատերևների վրայով, բայց՝ չէ, դա այն զգացողությունը չէր։ Ոչ ոքի հայտնի չէ, թե ինչ աստիճանի մենակ է զգում մարդն իրեն, երբ սկսում է այսպիսի գործ կատարել։ Ասենք ինչո՞ւ ոչ ոքի, ինձ, օրինակ, հայտնի է։ Հույս ունեմ, որ նպատակս ողջ֊առողջ դուրս կգա այս թոհուբոհից։ Հիմա դա թո՛ղ։ Թո՛ղ, անպայման թո՛ղ։ Բայց հուսալ կարող եմ, չէ՞, դե իմ ասածն էլ դա է։ Հույս ունեմ, որ հաջողությամբ կպայթեցնեմ կամուրջը, և նա էլ ողջ֊առողջ դուրս կգա այս թոհուբոհից։ Այո՛։ Անշուշտ։ Հենց այսքան։ Այս է այն ամենը, ինչ ուզում եմ ես այժմ։

Հիմա նա պառկել էր այդտեղ ու նայում էր ճանապարհից, ժամապահների խցիկից այն կողմ, հեռավոր լեռներին։ Մի՛ մտածիր, բոլորովին մի՛ մտածիր, ասաց ինքն իրեն։ Հանգիստ պառկեց ու դիտեց բացվող առավոտը։ Ամառային հրաշալի առավոտ էր, իսկ հիմա, մայիսի վերջին, շատ կանուխ էր բացվում։ Կաշվե վերարկուով և կաշվի սաղավարտով մի մոտոցիկլիստ, ձախ ազդրին՝ պատյանի մեջ դրված մի ավտոմատ, կամրջի վրայով եկավ ու քշեց֊գնաց վերև։ Հետո կարմիր խաչի մի մեքենա եկավ ու իրենից մի քիչ ներքևով նույնպես վերև գնաց։ Այդքան։ Ուրիշ ոչ մի մեքենա չշարժվեց այլևս ճանապարհով։ Հիմա նրա ռունգերը սոճու բույրով էին լցվել, ականջների մեջ գետակի աղմուկն էր, դիմացը՝ կամուրջը, որ այնպես պայծառ ու գեղեցիկ էր առավոտյան լույսերի մեջ։ Նա պառկել էր սոճու բնի ետևը, ավտոմատը դրել էր ձախ թևին ու այլևս չէր նայում ժամապահի խցիկին։ Ի՞նչ կարող է պատահել մայիսյան այսպիսի հրաշալի առավոտով, և հանկարծ լսվեցին իրար ետևից պայթող ռումբերի թնդյուններ։

Հենց որ լսեց ռումբերի առաջին պայթյունները, խոր շունչ քաշեց, էլ չսպասեց, որ լեռներից տարածվող արձագանքի դղրդոցներն հասնեն, ավտոմատը վերցրեց թևի վրայից, որը զենքի ծանրությունից ընդարմացել էր, և մատները դժվարությամբ էին բացվում ու փակվում։

Խցիկում նստած ժամապահը երբ ռուբերի ձայնն առավ, վեր կացավ։ Ռոբերտ Ջորդանը տեսավ, որ նա վերցրեց հրացանը և, ականջն աղմուկին, դուրս եկավ։ Արևի շողերի տակ կանգնեց ճանապարհին։ Գործած գլխարկը թեքվել էր, արևն ընկել էր մազակալած դեմքին, որովհետև հայացքը բարձրացրել էր երկինք, դեպի ռմբակոծող ինքնաթիռները։

Մառախուղն արդեն ցրվել էր, և Ռոբերտ Ջորդանը պարզ, որոշակի տեսնում էր նրան՝ արևի շողերի մեջ, ճանապարհին, հայացքը դեպի երկինք։

Ռոբերտ Ջորդանը զգաց, որ դժվարությամբ է շնչում, կրծքավանդակը կարծես երկաթյա լարով կապկված լիներ, արմունկներով ամուր հենված հատակին, զենքի բռնակի խորդուբորդության զգացողությունը մատների տակ, նա նշան բռնեց ուղիղ ժամապահի կրծքի կենտրոնին և կամաց քաշեց ձգանը։

Զենքը հետընթաց հատու և թեթև մղումով հարվածեց ուսին, իսկ ճանապարհին կանգնած մարդը, շվար ու վիրավոր, ընկավ ծնկների վրա, հետո ճակատով խփվեց հատակին։ Հրացանն ընկավ կողքին, մատը մնաց ձգանի վրա, բազուկը շուռ եկավ։ Բերանքսիվայր ճանապարհին ընկած մարդուց Ռոբերտ Ջորդանը հայացքը տեղափոխեց դեպի կամուրջ, դեպի հեռավոր ծայրի խցիկը։ Մյուս ժամապահը չէր երևում, և նա հայացքը սարալանջով տարավ ցած, այնտեղ, ուր Ագուստինն էր դարան մտել։ Հետո լսեց Անսելմոյի կրակոցը, որն արձագանքվեց անդունդում։ Լսեց և երկրորդ կրակոցը։

Դրանից հետո կամրջի ներքևի ոլորանի կողմից նռնակների պայթյուններ լսվեցին։ Այնուհետև դարձյալ պայթյուններ եղան, բայց արդեն ձախ կողմում։ Քիչ անց ներքևից կրակոցներ լսեց, Պաբլոյի ավտոմատի տըկ֊տըկ֊տըկ տկտկոցն էր, որ հասնում էր նռնակների որոտի միջով։ Երևաց Անսելմոն, նա գայթելով վազում էր սարալանջն ի վար՝ դեպի կամրջի հեռավոր ծայրը։ Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, ավտոմատը դրեց ուսին, ծառաբնի ետևից վերցրեց ուսապարկերը, որոնց ծանրությունից թվում էր, թե ուսերի ջլերը ուր որ է կպոկվեն, և թեք սարալանջով օրորվելով վազեց ներքև։

Վազելիս լսեց, որ Ագուստինը «Buena caza, Ingles, buena kaza» է գոռում։ «Հաջող որս, ինչո՞ւ չէ, գրողը տանի, հաջող որս», ասաց ինքն իրեն, և այդ պահին կամրջի հեռավոր ծայրից լսեց Անսելմոյի կրակոցի ձայնը, որ զնգզնգաց պողպատյա ձողակառույցում։ Ուսապարկերի ծանրության տակ օրորվելով շրջանցեց ճանապարհին ընկած ժամապահի մարմինը և վազեց դեպի կամուրջը։

Ծերունին, հրացանը ձեռքին, վազում էր իրեն ընդառաջ։ «sin novedad», գոռաց նա։ «Ոչինչ չի պատահել։ Tuve que rematarlo: Ստիպված էի վերջ տալու նրան»։

Ռոբերտ Ջորդանը չոքեց կամրջի կենտրոնում, բաց արեց ուսապարկերն ու սկսեց իրերը հանել, երբ նայեց Անսելմոյին, տեսավ, որ նրա այտերի վրայով արցունքների կաթիլները իջնում են սպիտակած մորուքի մեջ։

― Yo mate un tambien, ― ասաց Անսելմոյին։ ― Ես էլ մեկին սպանեցի, ― և գլխով ցույց տվեց ճանապարհին ընկած ժամապահի կծիկ դարձած դիակը։

― Այո՛, բարեկամս, այո՛, ― ասաց Անսելմոն։ ― Ստիպված ենք սպանելու և սպանում ենք։

Կամրջի ձողակառույցով Ռոբերտ Ջորդանն սկսեց իջնել։ Մետաղը սառն էր, ձեռքերը թրջվում էին ցողից, ստիպված էր զգույշ իջնել։ Ոտքերին հենակետեր որոնելով՝ իջնում էր նա ու զգում էր, թե ինչպես է արևը ջերմացնում մեջքը, լսում էր ներքևից եկող գետակի ձայնը և վերևի պահակակետից հասնող ուժեղ կրակոցները։ Լավ քրտնել էր, իսկ կամրջի տակը ցուրտ էր։ Մի ձեռքով լարի կծիկն էր բռնել, մյուս բազուկին աքցանն էր կապված։

― Պայթուցիկ տուր, viejo, ամեն ուզելիս մի տուփ, ― ասաց Անսելմոյին։ Ծերունին բազիրքի վրայով ցած կախվեց ու ամեն ուզելիս պայթուցիկի երկարավուն մի քառակողիկ էր տալիս, իսկ Ռոբերտ Ջորդանը տեղադրում էր ու ամրացնում։ ― Սեպերը, ծերո՛ւկ։ Սեպ տուր։ ― Շնչելով նորատաշ փայտի բույրը՝ սեպերը մխում էր քառակողիկների ու մետաղյա ձողերի արանքը, որպեսզի չշարժվեն։

Հիմա նա տարված էր իր գործով, ուղեղում միայն պայթեցումն էր, տեղադրում էր պայթուցիկները, սեպերը մխում, լարերով պինդ կապկպում, գործում էր արագ, հմտորեն, վիրաբույժի պես։ Ճանապարհի ներքևի մասից կրակրոցներ լսեց։ Հետո նռնակի պայթյուն, դարձյալ պայթյուն, որը խլացրեց գետակի աղմուկը, և այլևս ոչինչ չլսվեց այդ կողմից։ Գրողը տանի, մտածեց նա։ Տեսնես այդ ի՞նչ եղավ դրանց։

Վերևի պահակակետում կրակոցները դեռ շարունակվում էին։ Ինչո՞ւ այդ գրողի տարած կրակոցներն այդքան երկար տևեցին, մտածեց նա կողք֊կողքի դրված երկու նռնակ կապելով իրար։ Նռնակները դրեց պայթուցիկների քառակողիկների վրա, լարերով կապեց, որպեսզի չշարժվեն ու ընկնեն, լարերը աքցանով ոլորեց, ձգեց, հետո ստուգեց ամրությունը, և որպեսզի ավելի հուսալի լինի, մի սեպ էլ մխեց պողպատյա ձողի ու պայթուցիկի արանքը։

― Հիմա մյուս կողմը, vijeo, ― գոռաց Անսելմոյին ու ձողի արանքներով անցավ կամրջի մյուս երեսը։ Իսկական Տարզան, պողպատի անտառում, մտածեց նա, և, դուրս հանելով գլուխը, տեսավ պայթուցիկը ձեռքին կռացած Անսելմոյի դեմքը։ Գրողը տանի, ինչ լավ դեմք ունի, մտածեց նա։ Արդեն չի լալիս։ Լավ է, լավ։ Մի կողմն արեցինք։ Այս կողմն էլ հիմա կանենք։ Այնպես օդ բարձրանա, քար֊քարի վրա չմնա։ Դե գործի՛ր։ Մի ոգևետվի՛ր։ Գործդ արա։ Մաքուր և արագ, ոնց որ այն երեսը։ Մի՛ հապաղիր։ Ոչ էլ աճապարիր։ Մի՛ ջանա չափից ավելի արագ անել։ Ամենից կարևորն արդեն արված է։ Մի կողմը երբ էլ ուզես կարող ես պայթեցնել։ Գործդ առաջ է գնում։ Բայց լավ ցուրտ է այստեղ, աստված վկա, ոնց որ գինու մառանում, մաքուր է, ոչ մի կեղտ։ Քարե կամուրջների տակ քայլ չես կարող գցել, միշտ լիքը կղանք է։ Սա երազ֊կամուրջ է։ Չէ մի։ Երազ գտար։ Ծերունու վիճակը վերևում ավելի վատ է, քան իմն այստեղ։ Չաճապարես։ Կարծում եմ, որ կրակոցները շուտով կդադարեն։ «Սեպ տուր,viejo: Չէ, լավ չէ, որ կրակոցները շարունակվում են։ Երևում է Պիլարը դժվարության է հանդիպել։ Հավանաբար ժամապահներից մեկնումեկը դրսում է եղել։ Կամ ճանապարհի վրա, կամ էլ սղոցարանի ետևը։ Տակավին շարունակում են կրակել։ Նշանակում է սղոցարանում դեռևս մարդ կա։ Այդ անիծյալ փայտաթեփն է պատճառը։ Փայտաթեփի այդ հսկայական դեզերն են։ Կարելի է լավ դիրք մտնել դրանց ետևը և հրաշալի պաշտպանվել։ Երևում է, որ դեռ մի քանի հոգի մնացել են։ Պաբլոյի կողմը լուռ է։ Տեսնես այն կրակոցներն ինչ էին, այն, որ երկրորդ անգամ լսեցի։ Երևի մեքենա է անցել կամ մոտոցիկլ։ Աստված չանի, որ հիմա զրահապատ մեքենա կամ տանկ գա։ Գործդ արա։ Արա ինչքան կարող ես արագ, տեղադրիր, սեպերով ամրացրու, կապկպիր, արագ շարժվիր։ Դողում ես ոնց որ կնիկ։ Գրողը տանի, ի՞նչ է պատահել քեզ։ Ասացի չաճապարես։ Գրազ կգամ, որ այդ անիծյալ կինը չի դողում հիմա, այնտեղ, վերևում։ Այդ Պիլարը։ Գուցե նա էլ, հա՞։ Կրակոցներից այնպես է երևում, որ վիճակը ծանր է։ Եթե այսպես շարունակվի, նա էլ կդողա։ Ինչպես ամեն մի հողածին։

Ձգվեց, գլուխը հանեց կամրջի ստվերի տակից և ձեռքն երկարեց, որպեսզի վերցնի Անսելմոյի տվածը, ու գետակի աղմուկը միանգամից թուլացավ, կրակոցների ձայնն ավելի ուժգնացավ, հետո նռնակների պայթյուններ լսվեցին։ Նորից։ Դարձյալ։

― Սա նշանակում է, որ ներխուժեցին սղոցարան։

Ինչ լավ է, որ քառակողիկ պայթուցիկներ եմ բերել և ոչ թե ձողիկներ, մտածեց նա։ Գրողը տանի, ի՞նչ տարբերություն։ Դե սրանք ավելի հարմար են։ Թեև եթե այն դոնդողանման անպետքությունը լիներ, պարկերի մեջ լցված, ավելի արագ կարելի էր անել ամեն ինչ։ Երկու պարկ։ Չէ։ Մեկն էլ բավական էր։ Մեկ էլ դետոնատորներ լինեին և իմ մաշված պայթուցիչը։ Այդ պոռնիկի ծնունդը պայթուցիչս գցել է գետը։ Արկղն էլ, մնացած իրերն էլ։ Ա՛յ այս գետը։ Այդ պոռնիկի ծնունդ Պաբլոն։ Հիմա ներքևի պահակակետի ֆաշիստներին դժոխքի ծոցն է ուղարկել արդեն։

― Դրանցից մի քանի հատ էլ տուր։

Ծերուկը լավ է գործ անում։ Վերևում նա հիմա ոչինչ, վատ չէ։ Իր կամքին հակառակ սպանեց ժամապահին։ Ես նույնպես։ Բայց դա իմ ուղեղը չէր զբաղեցնում։ Ոչ էլ հիմա եմ դրա մասին մտածում։ Այսպես է, պիտի սպանես։ Բայց գիտես, չէ՞, որ Անսելմոյի ձեռքին հրացան էր։ Այո՛, գիտեմ, թե ինչ բան է հրացանը։ Ավտոմատով մարդ սպանելը ավելի հեշտ է։ Հեշտ որ ասում եմ, սպանողին նկատի ունեմ։ Ավտոմատը ուրիշ է։ Դու միայն ձգանին ես դիպչում, մնացածը ինքն է անում։ Ոչ թե դու։ Այդ գյուտդ լավ պահիր, մի օր կզարգացնես։ Ա՛յ, թե գլուխ է։ Այս ի՜նչ հիանալի, խորհող գլուխ ունես, ծերուկ Ջորդա՛ն։ Գլորի՛ր, Հորդանա՛ն։ Գլորի՛ր։ Այդպես էին դպրոցում ձայնարկում, երբ ֆուտբոլի ժամանակ դու գլորելով տանում էիր գնդակը։ Բայց դու գիտե՞ս, որ այդ գրողի տարած Հորդանանը այս ցածի գետակից այնքան էլ մեծ չէ։ Դու երևի նկատի ունես վերին հոսանքը, ակունքի մոտ։ Ակունքի մոտ ամեն ինչ այդպես է։ Բայց ինչ լավ է այստեղ, կամրջի տակ։ Շատ լավ է։ Ոնց որ տանը լինես, թեև տանը չես։ Դե՛, Հորդանա՛ն, քեզ հավաքի՛ր։ Վիճակը լուրջ է, Հորդանա՛ն։ Չե՞ս հասկանում։ Ասում եմ լուրջ է։ Հիմա արդեն քիչ մնաց։ Նայիր մյուս կողմը։ Para que?[144] Հիմա արդեն ինչ էլ լինի, կամուրջը պայթելու է։ Ինչ նվագեմ, այն էլ պարելու է։ Ոնց Մեյնը, այնպես էլ մյուս նահանգները։ Ոնց Հորդանանը, այնպես էլ իսրայելցիները։ Այսինքն կամուրջը։ Ջորդանը դուրս կգա, կամուրջը կգնա։

― Մի քանի հատ էլ տուր Անսելմո՛, իմ լավ բարեկամ, ― ասաց նա։ Ծերունին գլխով արեց։ Վերջացնում եմ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ Ծերունին դարձյալ գլխով արեց։

Նռնակները լարերով կապում էր և արդեն ճանապարհի վերևից եկող կրակոցների ձայները չէր լսում։ Հանկարծ զգաց, որ ականջների մեջ միայն գետակի աղմուկն է։ Ցած նայեց և տեսավ քարերին զարկվող սպիտակափրփուր ջրերը, որոնք հոսում էին, լցվում փոքրիկ, ջինջ լճակը, որտեղ իր ձեռքից ընկած փայտե սեպը շրջանակներ էր գծում։ Մեկ էլ սեպի կողքին երևաց մի կարմրախայտ, որն ինչ֊որ միջատ էր որսում։ Երբ աքցանով նռնակների շուրջը փաթաթած լարն էր ձգում, կամրջի մետաղաձողերի արանքով հայացքն ընկավ արևով ողողված կանաչ սարալանջերին։ Երեք օր առաջ շագանակագույն էին, մտածեց նա։

Կամրջի տակի ցուրտ խավարից գլուխն հանեց, ձգվեց արևի շողերի մեջ ու գոռաց կռացած Անսելմոյին․

― Մեծ կծիկով լարը տուր։ ― Ծերունին տվեց կծիկը։

Միայն թե, աստված կսիրես, զգույշ, ժամանակից շուտ չձգես, թե չէ կպոկես օղակը։ Ափսոս հնարավոր չէ լարը ուղիղ քաշել։ Բայց ոչինչ, երկար է, մտածեց Ռոբերտ Ջորդանը, երբ մատներով ստուգում էր նռնակների լծակներին միացված օղակների պահանակները։ Նա նայեց, թե արդյոք պահանակը ձգելիս անհրաժեշտ չափով տարածություն ազատվում է նռնակների լծակների համար (ամրացնող լարը լծակների տակով էր անցնում), հետ կծիկի լարի ծայրը կապեց օղակներից մեկին, միացրեց երկրորդ նռնակի օղակից ձգված գլխավոր լարին, կծիկը մի փոքր ետ տվեց, անցկացրեց պողպատյա ձողից այն կողմ ու երկարեց Անսելմոյին։

― Բռնի՛ր։ Զգո՛ւյշ, ― ասաց նա։

Բարձրացավ, կծիկն առավ ծերունու ձեռքից ու, կծիկը բացելով, ինչքան կարող էր արագ գնաց դեպի սպանված ժամապահի կողմը։ Քայլում էր կամրջի բազիրքի վրա կռացած ու կծիկը անընդհատ ետ էր տալիս։

― Ուսապարկերը բեր, ― ասաց Անսելմոյին ու ետ֊ետ գնալիս մի պահ կանգ առավ, վերցրեց ավտոմատն ու գցեց ուսին։

Այդ պահին էլ նկատեց վերևի պահակակետից վերադարձողներին։

Չորս հոգի էին։ Ուշադրությունը վերստին բևեռեց լարին, որպեսզի չոլորվի կամ չասռի կամրջի դուրս եկած մասերին։ Էլադիոն չկար վերադարձողների մեջ։

Ռոբերտ Ջորդանը լարը քաշեց բերեց մինչև կամրջի ծայրը, վերջին հենաձողի վրա մի օղակ տվեց ու վազեց֊գնաց հասավ ճամփեզրի սպիտակ ներկված քարին։ Լարը կտրեց ու ծայրը տվեց Անսեմոյին։

― Պահի՛ր, viejo, ― ասաց։ ― Հիմա լարը կծկելով արի իմ ետևից։ Չէ՛։ Տո՛ւր, ես կանեմ։

Կամրջի ծայրին հենաձողի վրա արած օղակը բացեց։ Լարը հիմա ուղիղ և անարգել ձգվում էր մինչև նռնակներին միացված օղակը։ Լարը տվեց Անսելմոյին։

― Հիմա գնա մինչև այն վերևի քարը, ― ասաց նրան։ ― Ամուր պահիր, բայց չձգես։ Եթե շատ ուժեղ ձգես, կամուրջը կպայթի։ Comprendes?Քաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag

Գլուխը բարձրացրեց ու նայեց քարի ետևը չոքած Անսելմոյին։

― Հե՛յ, vijeo, ― գոռաց։ ― Քո այդ կեղտոտ Ingles֊ն ո՞ւր մնաց։

― Համբերի՛ր, կի՛ն, ― պատասխանեց Անսելմոն՝ լարը զգույշ և ամուր պահած ձեռքում։ ― Վերջացնում է։

― Բայց ինչո՞ւ, ասա, ի սեր ամենավերջին պոռնիկի, ասա, ինչո՞ւ է ձգձգում։

― Es muy concienzudo,[145] ― գոռաց Անսելմոն։ ― Դա գիտական գործ է։

― Ես քո այդ գիտության կաթը, ― կատաղեց Պիլարը որպես իսկական գնչու։ ― Այդ կեղտոտ մռութը թող շուտ պայթեցնի, պրծնենք։ Մարիա՜, ― գոռաց իր խռպոտ ձայնով՝ շրջվելով դեպի վեր՝ անտառի կողմը։ ― Քո Ingles֊ը․․․ ― Եվ ամենակեղտոտ հայհոյանքների մի տարափ տեղաց Ջորդանի և կամրջի տակ նրա ենթադրյալ գործունեության հասցեին։

― Հանգստացի՛ր, կի՛ն, ― գոռաց Անսելմոն ճանապարհից։ ― Գիտե՞ս ինչ հսկայական աշխատանք է անում։ Հիմա, ուր որ է կվերջացնի։

― Գրողը դրան, ― մոլեգնում էր Պիլարը։ ― Թող արագ վերջացնի, դա է կարևոր։

Հենց այդ պահին Պաբլոյի գնացած կողմից կրակոցներ լսվեցին։ Պիլարը դադարեցրեց հայհոյանքներն ու ականջ դրեց։

― Ա՛յ, ― ասաց նա։ ― Ա՛յ։ Ա՛յ, ասում էի։ Ահա՛։

Ռոբերտ Ջորդանը լսեց կրակոցները, երբ մի ձեռքով բարձրացրել էր կծիկը և ձգվում էր վերև։ Ծնկերն արդեն դրել էր կամրջի երկաթյա եզրին և ձեռքով կառչել էր ճաղերից, երբ լսեց գնդացրի կրակոցները։ Դա Պաբլոյի ավտոմատի ձայնը չէր։ Կանգնեց, անցավ ճաղերի վրայով և կծիկն արագ ետ տալով՝ կամրջի բազիրքի երկայնքով գնաց դեպի ճանապարհը։

Լսում էր կրակոցները և քայլում, ամեն կրակոցի հետ զգում էր, թե ինչպես է կծկվում ստամոքսը, ինչպես է ձգվում ստոծանին։ Կրակոցները մոտենում էին, քայլելիս նայեց ետ, ճանապարհին, ոլորանի վրամ ո՛չ մեքենաներ էին երևում, ո՛չ տանկ, ո՛չ էլ մարդիկ։ Տարածության կեսը կտրել էր, իսկ ճանապարհը մաքուր էր տակավին։ Մաքուր էր, երբ կտրել էր տարածության երեք քառորդը։ Մաքուր էր, երբ լարը զգուշությամբ, որպեսզի որևէ բանի չասռի, անցնում էր ժամապահի խցիկի ետևով։ Ոտքը դրել էր ճանապարհին, և ներքևում ոչինչ չէր երևում տակավին, հետո սկսեց ճամփեզրի համարյա լցված առվակի երկայնքով ետ֊ետ գնալ, ինչպես եզրային խաղացողները, երբ ֆուտբոլի գնդակը երկար փոխանցումով ուղարկում են իրենց կողմը։ Լարը քիչ֊քիչ ձգելով հասել էր համարյա Անսելմոյին դիմացի քարին, իսկ ներքևում ճանապարհը մաքուր էր տակավին։

Հետո լսեց ճանապարհով ցած եկող բեռնատարի աղմուկը, ուսի վրայով նայեց, մեքենան սարալանջի կողքով իջնում էր, մի անգամ էլ լարը փաթաթեց ձեռքի վրա, «Պայթեցրու» գոռաց Անսելմոյին, կրունկները դեմ տվեց գետնին, մարմինը ետ գցեց, մի անգամ ևս լարը փաթաթեց ձեռքին ու ձգեց։ Վերևից լսվում էր բեռնատարի աղմուկը, դիմացը՝ ճանապարհին, ժամապահի դիակն էր ընկած, փոքր֊ինչ այն կողմ կամուրջն էր, ավելի հեռու՝ ճանապարհը, որտեղ ոչինչ չէր երևացել տակավին։ Հետո թնդյուն լսվեց, և կամրջի միջին հատվածը փշրվող ալիքի նման ծառացավ, և նա զգաց, թե ինչպես պայթյունից առաջացած քամին խփեց դեմքին, երբ գլուխը ձեռքերով ծածկված երեսնիվայր պառկեց առվակի մեջ։ Նա չտեսավ, թե ինչպես փուլ եկավ կամրջի ծառացած հատվածը, առավ միայն ծանոթ սուր հոտը, որ տարածվեց, և լսեց պողպատյա բեկորների տարափը։

Բեկորների տարափի դադարից հետո ողջ էր տակավին, բարձրացրեց գլուխը և նայեց կամրջին։ Միջին հատվածը փուլ էր եկել։ Պողպատյա ձողակառույցի ծռմռված ծայրերը փայլում էին, ճանապարհը ծածկված էր բեկորներով։ Մի հարյուր մետր վերև բեռնատարը կանգ էր առել։ Վարորդն ու երկու ուղեկիցները վազում էին դեպի ջրատարը։

Ֆերնանդոն դեռ պառկած էր ճանապարհի եզրին և դեռ շնչում էր։ Ձեռքերը թույլ ընկած էին կողքերին, մատները չռվել էին։

Անսելմոն երեսնիվայր պառկած էր ճամփեզրի սպիտակեցրած քարի ետևը։ Ձախ ձեռքը ծալված մնացել էր գլխի տակը։ Աջը ձգված էր առաջ։ Լարի օղակը աջ բազկին էր տակավին։ Ռոբերտ Ջորդանը վեր կացավ, անցավ ճանապարհը, չոքեց ծերունու կողքին և համոզվեց, որ մահացած է։ Չշրջեց նրան իմանալու համար, թե որ մասին է դիպել պողպատի բեկորը։ Մահացած էր, և վերջ։

Մահացած շատ փոքր է թվում, մտածեց Ռոբերտ Ջորդանը։ Փոքր էր թվում և ալեհեր, տեսնես, մտածեց Ռոբերտ Ջորդանը, ո՞նց էր շալակած տանում այդ ծանր֊ծանր բեռները, եթե սա է նա իրականում։ Հետո նայեց նախրապանի նեղ շալվարի տակ ձգված նրա սրունքներին, ազդրերին, նայեց ոտքերի պարանե ներբանով կոշիկներին, հետո վերցրեց հրացանը, երկու դատարկ ուսապարկերը, գնաց Ֆերնանդոյի մոտ, վերցրեց նաև նրա հրացանը։ Քայլելիս քացով խփեց ճանապարհին ընկած պողպատյա մի բեկորի, հետո հրացանները գցեց ուսին ու, փողերից բռնած, սկսեց սարալանջով անտառ բարձրանալ։ Ետ չնայեց, ոչ էլ կամրջից այն կողմ՝ ճանապարհին։ Ներքևում, ճանապարհի ոլորանից դենը, հրաձգությունը տակավին շարունակվում էր, բայց նա այլևս ուշադրություն չդարձրեց դրան։

Տրինիտրոտոլուլի ծխից հազում էր, զգում էր, որ ամբողջ մարմինը ընդարմացել է։

Հրացաններից մեկը դրեց Պիլարի կողքին։ Կինը նայեց և տեսավ, որ կողքին վերստին երեք հրացան կա։ ― Շատ հեռու եք եկել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ճանապարհի վրա հիմա մի բեռնատար է կանգնած, բայց այստեղից չի երևում։ Նրանց թվաց, թե ինքնաթիռները ռմբակոծեցին։ Պետք է իջնել։ Ես գնում եմ Ագուստինի հետ Պաբլոյին ծածկելու։

― Իսկ ծերո՞ւկը, ― հարցրեց կինը՝ հայացքն ուղղած Ռոբերտ Ջորանի դեմքին։

― Սպանվեց։

Թոքերը բերանը գալով նորից հազաց և թքեց գետնին։

― Կամուրջդ պայթեցվեց, Ingles, ― ասաց Պիլարն ու նայեց նրան։ ― Մի՛ մոռացիր դա։

― Ես ոչ մի բան չեմ մոռանում, ― ասաց նա։ ― Հզոր ձայն ունես, ― ասաց Պիլարին։ ― Լսում էի ներքևում։ Դե հիմա Մարիային գոռա՛, որ ես ողջ֊առողջ եմ։

― Սղոցարանում երկու հոգի կորցրինք, ― ասաց Պիլարը, փորձելով նրան հասկացնել։

― Տեսա, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Ինչ֊որ հիմարությո՞ւն եք արել։

― Գիտե՞ս, Ingles, գնա՛, ես քո, ― ասաց Պիլարը։ ― Ֆերնանդոն և Էլադիոն մարդ էին, մեզ նման։

― Ինչո՞ւ չես գնում ձիերի մոտ, ― հարցրեց Ռոբերտ Ջորդանը։ ― Այստեղ ինքս կարող եմ ծածկել, քեզնից լավ։

― Դու պետք է գնաս Պաբլոյին ծածկես։

― Ես քո Պաբլոյի։ Mierda֊յով թող ծածկվի։

― Ո՛չ, Ingles։ Նա վերադարձավ։ Լավ էլ կռվում էր ներքևում։ Չէի՞ր լսում։ Հիմա էլ կռվում է դեռ։ Երևի վիճակը ծանր է։ Չե՞ս լսում։

― Կծածկեմ։ Բայց ես ձեր բոլորի։ Քո՛ էլ, Պաբոլյի՛ էլ։

― Ingles, ― ասաց Պիլարը։ ― Հանդարտվի՛ր։ Ես այս գործում քեզ հետ եմ եղել, եղել եմ այնպես, ինչպես ոչ ոք չէր լինի։ Պաբլոն քեզ վատություն արեց, բայց հիմա վերադարձել է։

― Եթե պայթուցիչս լիներ, ծերուկը չէր սպանվի։ Ես այստեղից կարող էի պայթեցնել։

― Եթե, եթե, եթե․․․ ― ասաց Պիլարը։

Կամրջի փուլ գալուց հետո, երբ բարձրացել էր պառկած տեղից, չոքել ու տեսել էր սպանված Անսելմոյին, զգացել էր, որ ցասումը, դատարկությունն ու ատելությունը տիրեցին իրեն և հիմա էլ բաց չէին թողնում տակավին։ Չէր կարողանում ազատվել նաև հուսահատության այն զգացումից, որն առաջանում է վշտից, ցավից և վեր է ածվում ատելության ու զինվորին զինվոր պահում։ Հիմա, երբ գործն արել֊վերջացրել էր, իրեն բոլորովին մենակ էր զգում, և ընկճված, և ատում էր բոլորին, ում տեսնում էր։

― Եթե ձյուն չգար, ― ասաց Պիլարը։ Եվ հետո, դանդաղ, ոչ միանգամից, ինչպես ֆիզիկական լիցքաթափման ժամանակ (ասենք եթե կինը ձեռքը գցեր վզովը), հանգիստ դատելով սկսեց հաշտվել վիճակի հետ, և ատելությունը տեղի տվեց, ընկրկեց։ Ձյունը։ Անշուշտ։ Դա էր պատճառը։ Ձյունը։ Մյուսների պատճառը դա դարձավ։ Ահա մի անգամ ևս դու տեսնում ես երևույթներն այնպես, ինչպես ուրիշները, մի անգամ ևս ազատագրվեցիր ինքդ քեզնից, հենց այդ է, որ պիտի անես պատերազմում, պիտի ինքդ քեզնից ազատագրվես։ Պատերազմում չի կարող ինքնություն լինել։ Եսդ պետք է կորչի։ Եվ եսը կորցնելու ընթացքի մեջ լսեց Պիլարի ձայնը․

― Սորդոն․․․

― Ի՞նչ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։

― Սորդոն․․․

― Այո, ― ասաց նա, հետո ինչ֊որ ժպիտի նմանվող բան գծագրվեց դեմքին, ծամածռված, ջղաձիգ մի ժպիտ։ ― Մոռացի՛ր այն, ինչ ասացի։ Ես իրավացի չէի։ Ների՛ր ինձ, կի՛ն։ Այս գործը ոնց որ իրար հետ սկսել ենք, այդպես էլ իրար հետ կվերջացնենք։ Կամուրջն էլ, ինչպես ասացիր, պայթեցրել ենք։

― Այո՛։ Ընդունիր ամեն ինչ այնպես, ինչպես որ կա։

― Դե ես գնամ Ագուստինի մոտ։ Գնչուին ասա թող ավելի ցած գնա, այնպես լինի, որ հսկի ճանապարհը։ Հրացանները տուր Պրիմիտիվոյին, իսկ դու այս maguina֊ն վերցրու։ Սպասիր ցույց տամ, թե ոնց ես կրակելու։

― Maquina֊դ քեզ պահիր, ― ասաց Պիլարը։ ― Մենք այստեղ երկար չենք մնալու։ Պաբլոն հիմա կգա ու մենք կգնանք։

― Ռաֆայե՛լ, ― ասաց Ռոբերտ Ջորդանը, ― ցած արի, մոտս։ Ա՛յ, այստեղ։ Լավ է։ Տեսնո՞ւմ ես դրանց, ջրատարի անցքից դուրս են գալիս։ Այնտեղ, բեռնատարից վերև։ Մոտենում են բեռնատարին։ Դե մեկնումեկին խփի՛ր։ Նստի՛ր։ Մի՛ շտապիր։

Գնչուն ուշադիր նշան բռնեց ու կրակեց, և երբ փակաղակի ձգանը քաշեց ու դատարկ պարկուճներն սկսեցին թափվել կողքին, Ռոբերտ Ջորդանն ասաց․

― Չեղավ։ Ժայռին ես կրակում։ Տեսնո՞ւմ ես, փոշի է բարձրանում։ Ավելի ցած պահիր, երկու ոտնաչափ։ Հիմա ուշադիր կրակիր։ Վազում են։ Լավ է։ Sogue tirando:[146]

― Մեկին խփեցի, ― ասաց գնչուն։

Ջրատարի և բեռնատարի միջև ընկած տարածության մեջտեղում մեկն ընկավ։ Մյուս երկուսը կանգ չառան, որպեսզի քաշեն֊տանեն նրան։ Վազեցին ու թաքնվեցին ջրատարի անցքում։

― Դրա վրա այլևս մի՛ կրակիր, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Կրակիր բեռնատարի առջևի դողին։ Վրիպես էլ, ոչինչ, շարժիչին կխփես։ Լավ է։ ― Հեռադիտակն հանեց ու սկսեց նայել։ ― Մի քիչ ցած։ Լավ է։ Հիանալի ես կրակում, գրողը տանի։ Mucho! Mucho! Հիմա կրակիր ռադիատորի կափարիչին։ Ռադիատորին, որ մասին ուզում է լինի։ Այ տղա, դու չեմպիոն ես։ Դե հիմա տես։ Չթողնես, որ ոչ մի բան այ այդ կետից առաջ անցնի։ Տեսնո՞ւմ ես։

― Մի տես ոնց եմ դիմացի ապակուն խփում, ― երջանիկ ասաց գնչուն։

― Պետք չէ։ Բեռնատարն արդեն շարքից դուրս է եկել, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Էլ մի՛ կրակիր, մինչև որևէ բան վերևից չգա։ Կկրակես, երբ գա հասնի ջրատարի դիմացը։ Ջանա վարորդին խփել։ Հետո արդեն բոլորդ իրար հետ կսկսեք կրակել, ― ասաց Պիլարին, որը Պրիմիտիվոյի հետ զառիթափով իջել եկել էր իրենց մոտ։ ― Հրաշալի դիրք է։ Այս մի թևն ապահով է, տեսնում ես, չէ՞, այս սարավանդի կողմից ոչ մի վտանգ չի կարող լինել։

― Դե վերջ տո՛ւր, գնա՛ Ագուստինի մոտ, տեսեք ինչ եք անում, ― ասաց Պիլարը։ ― Ձեռ քաշի՛ր քո այդ դասախոսություններից։ Ես այս տեղերին լավ ծանոթ եմ։

― Պրիմիտիվոյին նստեցրու այնտեղ, վերևում, ― ասաց Ռոբերտ Ջորդանը։ ― Այնտեղ։ Տեսնո՞ւմ ես, ծերո՛ւկ։ Սարավանդի այս կողմը։

― Թող գնա՛, ― ասաց Պիլարը։ ― Գնա՛, Ingles: Գիտելիքներդ քեզ պահիր։ Այստեղ ամեն ինչ պարզ է։

  1. Գվարդիական, ժանդարմ(իսպ․)։
  2. խեղճ (ֆր․)։
  3. Զրկվեց ձիավարական ակումբի անդամությունից (ֆր․)։
  4. Ողջույն (իսպ․)։
  5. Կին (իսպ․)։
  6. Շատ թույլ (իսպ․)։
  7. Մեքենա։ Այստեղ՝ գնդացիր (իսպ․)։
  8. Ճանճեր (իսպ․)։
  9. Ողջույն, կնքամայր(իսպ․)։ Դո՞ւ ոնց ես, Պիլար։ ― հետո նորից որոտաց․ ― Ախր ո՞նց պատահեց, Ֆինիտո, Chico,
  10. Ապրես (իսպ․)։
  11. Չէ մի։ Հա՛, հա՛ (իսպ․)։
  12. Ընկեր (իսպ․)։
  13. Անգլիացի (իսպ․)։
  14. Գիտե՞ս (իսպ․)։
  15. Լավ (իսպ․)։
  16. Դե լավ (իապ․)։
  17. Մարդ, այստեղ՝ բարեկամ (իսպ․)։
  18. Հիմար (իսպ․)։
  19. Ի՞նչ(կատալոներեն․)։
  20. Այստեղ՝ էլի ինչ (իսպ․)։
  21. Ի՞նչ (իսպ․)։
  22. Տոնավաճառ (իսպ․)։
  23. Գեղեցկուհի (իսպ․)։
  24. Տեսնենք (իսպ․)։
  25. Սուրբ կույս (իսպ․)։
  26. Փեսացու, նշանած (իսպ․)։
  27. Իհարկե, անպայման (իսպ․)։
  28. Առանց խորամանկության (իսպ․)։
  29. Դուք ի՞նչ է (իապ․)։
  30. Գնանք։ Այստեղ՝ սկսենք (իսպ․)։
  31. Ահա և(իսպ․)։
  32. Հրապարակ (իսպ․)։
  33. Ժողովուրդ (իսպ․)։
  34. Հայհոյական խոսք, տառացիորեն՝ այծ (իսպ․)։
  35. Խաժամուժ (իսպ․)։
  36. Կեցցե Իսպանիան (իսպ․)։
  37. Կեցցե անարխիան(իսպ․)։
  38. Կեցցե ազատությունը (իսպ․)։
  39. Գրմերում և ագարակներում։
  40. Հեռու մնա (իսպ․)։
  41. Պարտիզան (իսպ․)։
  42. Այո, բավական տարօրինակ, բայց լավ (իսպ․)։
  43. Ինչպե՞ս եղավ (իսպ․)։
  44. Շատ օգտակար է (իսպ․)։
  45. Կգնաս, կին (իսպ․)։
  46. Լեսբոսուհի (իսպ)։
  47. Ինչո՞ւ (իապ․)։
  48. Ինչ լավ է (իսպ․)
  49. Գնչու (իսպ․)։
  50. Ինձ ի՞նչ (իսպ․)։
  51. Ինքնաթիռներ (իսպ․)։
  52. Ձիապան, ջորեպան (իսպ․)։
  53. Իսպանական կշռաչափ, հավասար է 11,5 կգ։
  54. Անգրագետ (իսպ․)։
  55. Ողջույն, ծերուկ (իսպ․)։
  56. Չգիտեմ (իսպ․)։
  57. Ամորձիներ (իսպ․)։
  58. Ես շատ հարբած եմ (իսպ․)։
  59. Անամոթ (իսպ․)։
  60. Թուլամորթ (իսպ․)։
  61. Ստոր արարած (իսպ․)։
  62. Սև (իսպ․)։
  63. Սպիտակ (իսպ․)։
  64. Քեզ ի՞նչ (իսպ․)։
  65. Սպանել (իսպ․)։
  66. Խնդրում եմ (իսպ․)։
  67. Ճիշտ (իսպ․)։
  68. Դարպաս (ֆր․)։
  69. Լեգեոներներ (իսպ․)։
  70. Կոնսպիրատորի մռութը (ֆր․)։
  71. Իսպաներեն հապավում է՝ «Մարքսիստական միավորման բանվորական կուսակցություն» անարխիստական֊տրոցկիստական կազմակերպություն Կատալոնիայում։
  72. Mumps ― խոզուկ (անգլ․)։
  73. Measles ― կարմրուկ (անգլ․)։
  74. Ինչ տարօրինակ բան է(իսպ․)։
  75. Մահվան (իսպ․)։
  76. Ցլամարտիկի օգնական (իսպ․)
  77. Սեկտոր (իսպ․)։
  78. Ճաղ (իսպ․)։
  79. Պատնեշ, ցանկապատ (իսպ․)։
  80. Հայհոյանք իսպաներեն։
  81. Եղջյուրահարում (իսպ․)։
  82. Սպանդանոց (իսպ․)։
  83. Հասարակաց տներ(իսպ․)։
  84. Ինչպես դու (իսպ․)։
  85. Ինչ գեղեցիկ ձի (իսպ․)։
  86. Ինչ հոյակապ ձի (իսպ․)։
  87. Թողնենք դա (իսպ․)։
  88. Պոռնկորդի (իսպ․)։
  89. Տեր իմ աստված (իսպ․):
  90. Ախ, մայր իմ (իսպ․)։
  91. Ինչպիսի կտրիճ (իսպ․)։
  92. Միապետական կուսակցության զինվորական կազմակերպության անդամ։
  93. Գնա (իսպ․)։
  94. Դե (իսպ․)։
  95. Փոքրիկ սպանդ (իսպ․):
  96. Ինչպե՞ս թե չէ (իսպ․):
  97. Հայհոյանք իսպաներեն։
  98. Սեր անել (իսպ․)։
  99. Իսկական տղամարդու նման։ (իսպ․):
  100. Ի՞նչ պատահեց (իսպ․):
  101. Խեղճ (իսպ․):
  102. Կորա՞ծ է (իսպ․):
  103. Խելագարներ (իսպ․):
  104. Հետո ի՞նչ (իսպ․):
  105. Միս տապակելու կավե աման (իսպ․):
  106. Ես դա գիտեմ (իսպ․):
  107. Կղկղանք (իսպ․)։
  108. Խոշոր գազան (իսպ․)։
  109. Շտաբ (իսպ․)։
  110. Խորամանկություն (իսպ․):
  111. Վախկոտ (ֆր․)։
  112. Շրջմոլիկ֊մուրացիկ (ֆր․)։
  113. Union de los Hijos de Pueblo ― ժողովրդօ զավակների միություն։ Ֆաշիստներն աղավաղելով ասում էին՝ Union de Puts ― պոռնկի զավակների միություն։
  114. Մի այլ կույս(իսպ․)։
  115. Բոցավառ (իսպ․)։
  116. Ողջույն զինվորներ (իսպ․)։
  117. Իսպաներեն հայհոյանք։
  118. Ուզում եմ ասել՝ ի՜նչ գեղեցիկ փշալար է (իսպ․):
  119. Շատ, շատ կարևոր (իսպ․)։
  120. Կեցցե ազատությունը (իսպ․)։
  121. Իբերիայի անարխիստների ֆեդեդացիա։
  122. Աշխատամքի ազգային կոնֆեդերացիա։
  123. Այստեղ՝ գերագույն երանություն (իսպ․)։
  124. Փառք (անգլ․)։
  125. Փառք (ֆր․):
  126. Անգլիական ժողովրդական երգեր։
  127. Իրենց քաշից ավելի արժեն (իսպ․)։
  128. Ոչ դու, ոչ աստված (իսպ․):
  129. Լավ․ հետո ի՞նչ (իսպ․):
  130. Գիտե՞ս (իսպ․):
  131. Ինչ վատ անցկացրի (իսպ․):
  132. Պատրաստ եմ (իսպ․):
  133. Թող մեռնեմ (իսպ․):
  134. Միապետականների օրգանը
  135. Հաջողություն եմ մաղթում (իսպ․):
  136. Խորքում (ֆր․):
  137. Իսպանական հայհոյանք։
  138. Այստեղ՝ լա՞վ (իսպ․)։
  139. Ինչպես լսեցիր (իսպ․)։
  140. Մարդկանց գնդակահարելու մորլուցք ունի (իսպ․):
  141. Իսկ հիմա ինձ հանգիստ թող (ֆր․):
  142. Ոչինչ չես կարող անել։ Ոչինչ։ Պետք չէ մտածել։ Պետք է ընդունել (ֆր․):
  143. Լավ։ Կանենք ինչ հնարավոր է (fr.):
  144. Ինչի՞ համար (իսպ․):
  145. Շատ բարեխիղճ է (իսպ․):
  146. Դե կրակիր (իսպ․):