«Հայրենի գյուղից»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
 
(2 intermediate revisions by the same user not shown)
Տող 2. Տող 2.
 
|վերնագիր = Հայրենի գյուղից
 
|վերնագիր = Հայրենի գյուղից
 
|հեղինակ = [[Վաղինակ Բեքարյան]]
 
|հեղինակ = [[Վաղինակ Բեքարյան]]
 +
|թարգմանիչ=
 
|աղբյուր = [[«Գառնիում»]]
 
|աղբյուր = [[«Գառնիում»]]
 
}}
 
}}
 
[[Category: Արձակ]]
 
[[Category: Արձակ]]
[[Կատեգորիա:Հայ]]
+
[[Կատեգորիա:Հայ գրականություն]]
 +
[[Կատեգորիա:Պատմվածք]]
  
 
==Մեր գյուղը==
 
==Մեր գյուղը==

Ընթացիկ տարբերակը 22:28, 11 Հունվարի 2020-ի դրությամբ

Հայրենի գյուղից

հեղինակ՝ Վաղինակ Բեքարյան
աղբյուր՝ «Գառնիում»

Մեր գյուղը

Մեր գյուղը Նիկիո լճի ափին էր, ձիթենիներով և շագանակենիներով հարուստ գեղատեսիլ մի հովտում, ուր տարվա շատ ամիսներին երկինքը պայծառ էր, օդը խաղաղ և լիճը կապույտ։

Նրա առաջին բնակիչները շատ տարիներ առաջ, հալածանքի սև օրերում, թողել էին Հայրենիքում իրենց հողերն ու շեները և ապաստան գտել Նիկիական այս ափերում։

Ու հնազանդ՝ ցեղի ավանդական ոգուն, իրենց նոր բնակավայրում եկեղեցի ու դպրոց էին կառուցել Համի Տյառն ՌՈԺ, ինչպես որ քանդակված էր ժամի ավագ դռան վերևի մարմար սալին, մշակել էին դաշտերն ու այգի գցել, և ապրել օրենքի ու աստծու երկյուղը սրտերում։

Իմ մանկության օրերին մեր գյուղի ամենածերերը պատմում էին իրենց պապերից լսած զարմանահրաշ պատմություններ Հայերենիքի մասին, ու մեր սրտերը կապում լեռներով ու ձորերով հարուստ այն գողտրիկ աշխարհի հետ, որի անունը սովորեցինք արտասանել կարոտով ու ջերմեռանդությամբ։

Հիմա լճի ափին, այնտեղ ուր մի ժամանակ կանգնում էր մեր գյուղը, ավերակներ են, մոխիր ու փոշի, և եթե մի օր օտարական մի մարդ անցնի փլատակների մոտով, չի իմանա, որ այնտեղ գյուղ է եղել, ուր հայեր են ապրել, զարդարելով երկիրը ծառով ու ծաղկով, չի իմանա, որովհետև բարբարոսները գյուղն ավերելիս, այնտեղ նրա երբեմնի բնակիչների կյանքն ու կենցաղը հիշեցնող ոչ մի հիշատակարան կանգուն չեն թողել։


Այդ գյուղում էր իմ հայրական տունը։ Հայրս էր շինել մեր տունը, մեր փոքրիկ գողտրիկ տնակը։ Կտրիճ մարդ, գնացել էր լեռը ու գերան կտրել, հետո կավային հողի աղյուս թափել ու ոչ վարպետ, ոչ որմնադիր․․․ իր ձեռքով շինել էր մեր տունը՝ մի սենյակ և մի միջանցք միայն։

Իմ ծնունդից մի տարի առաջ է եղել այդ, ու երբ ծնվել եմ ես, և ծանոթ֊բարեկամ եկել են շնորհավորելու մորս, նոր տան ու իմ աշխարհ գալու առիթով, մայրս, որ այն ժամանակ երեսուն տարեկան է եղել․ «Ալ մեզի զավակ ունենալ չի վայլեր, ամա, իշտե նոր տուն նոր զավակ ըսինք ըե, ունեցանք» ասել է։

Հետո ուխտ են արել և ինձ տարել են Սուրբ Մինասին ― ձորը, անդունդի վրա կախված հսկա մի քարասյուն,― մոմ են վառել այնտեղ, աքլոր են մորթել, մատաղ արել, որպեսզի ապրեմ և ուրախություն ու բախտ բերեմ մեր տանը։

Սակայն դեռ պատանի, ես թողել եմ իմ հայրական տունն ու հեռացել գյուղից և ինձ չի հաջողվել ուրախացնել ծնողներիս։

Հետո բարբարոսները ավերել են մեր գյուղը։ Սակայն նոր տան նոր զավակի հոգում, որին բախտի հովերը քշել են աշխարհից աշխարհ, կենդանի է մնացել գյուղը իր արշալույսներով ու վերջալույսներով, առուների կարկաչով, զանգերի ղողանջով և սիրո ու կարոտի երգերով։


Առաջին հուշը

Ինձ այնպես է թվում, որ արև֊արեգակ օր էր։ Մայրիկը բակում կտավ էր գործում և ես դռան շեմքին նստած լսում էի մաքոքի համաչափ չկչկոցը։

Հարևանուհի Անթառամը փողոցն էր ավլում, և հավերը քուջուջ էին անում աղբյուսի վրա։ Հանկարծ գյուղի փողոցներում աղմուկ բարձրացավ, որ նախ մեղմ, ապա որոտմունքի պես ուժգին ծավալվեց խառն ու շփոթ ալիքներով, շներն սկսեցին հաչել ամեն կողմից ու կաղկանձել ցավագնորեն, և ժամի զանգերն հնչեցին ընդատ ու ծանր զարկերով։

Բակում մայրիկի մաքոքը լռեց, ու տեսա, որ հարևանուհի Անթառամը ավելը գցեց գետին և երեսը խաչակնքեց։

Ու հանկարծ տեսա նորից, որ մեր փողոցի զառիվերով խումբ֊խումբ մարդիկ են բարձրանում։ Մեր փողոցում երբեք այդպիսի մեծ բազմություն չէի տեսել։ Վախեցա, նրանք բոլորն էլ զինված էին հրացաններով, ձեռներին սուր ունեին կամ կացին և շտապաքայլ ու գոռում գոչյունով գնում էին դեպի գերեզմանատան բարձունքը, որի ճամփան ձգվում էր մեր տան առաջով։

Լաց եղա։ Մայրիկն ինձ առավ իր բազուկների մեջ և դուռը ծածկեց։

Բազմությունը շարունակում էր հոսել մեր փողոցով։ Կուչ եկած մայրիկի գրկում, ես սարսափով լսում էի դրսի աղմուկը։

Մի ձայն հասավ ականջիս, երբ բազմության հոսքը դադարեց փողոցում․

― Աղջի Վարդանո՜ւշ․․․

Անթառամ մայրիկն էր․․․

― Ջարդ է կըսեն, ջա՜րդ․․․

Հեռվում հրացաններ էին պայթում։

Մայրիկը ցնցվեց և իր դողացող բազուկներով ինձ պինդ սեղմեց կրծքին։

Հետո, հետո ի՛նչ եղավ, չգիտեմ, իմ մտքում մշո՛ւշ է, խավա՛ր․․․

Իմ կյանքի վաղ մանկության շրջանի այդ սև օրը երազի պես եմ հիշում։

Հայրենի մոխիր դարձած գյուղից հոգուս մեջ կենդանի մնացած առաջին հուշն է այն, մղձավանջային մի հիշողություն, որ ողջ կյանքումս ծանրացած մնաց իմ հոգու վրա, ուր միչև այսօր մերթ ընդ մերթ արձագանքում են աղոթք ու արցունք, զանգի եղերական ղողանջ, հրազենի պայթյուն, սրերի շառաչ և սարսափից բեկբեկվող բառեր․

«Ջարդ է կըսեն, ջա՜րդ․․․»

Արիստակեսի ծովը

Մայրիկն ինձ լիճ տարավ, կանգնեցրեց ափին ու ասաց․

― Երեսդ խաչ հանե աղվո՛ր մանչս, ասիկա սուրբ Արիստակեսի ծովն է։

Մանրիկ ալիքները փրփուրի շրթներով համբուրեցին ոտներս ու փշրվեցին ավազի վրա։

Երեսս խաչակնքեցի, մայրիկն էլ խաչակնքեց և աղոթքի բառեր մրմնջաց։ Հետո ծովակի անվան հետ կապված մի հեքիաթ պատմեց, որ ինձ գեղեցիկ և իրական թվաց։

Հայոց աշխարհի Արիստակես սուրբ հայրապետը երկնքում շրջելիս հայացքն ուղղում է դեպի երկիր ու տեսնելով Իղնիկի լիճը, հմայվում է նրա գեղեցկությամբ։ Հետո հրեշտակների թևերին նստած իջնում է երիրա ու նրանց հետ հրեղեն կառքով շրջում ջրերի վրա, սուրբ աջը տարածած օրհնում լիճը, իր շրջակա դաշտերով ու բլուրներով։

Իշտե ատոր համար է,― ասաց մայրիկը,― որ մեր հողերը բարեբեր են, լճի մեջն ալ ձկները կվխտան ամառ֊ձմեռ։ Կտեսնե՞ս,― շարունակեց մայրիկը ձեռքը դեպի լիճը պարզած,― կտեսնե՞ս ջուրերուն վրա իրար մոտիկ քաշված արծաթի պես փայլուն երկար գիծերը, իշտե ատոնք Արիստակես հայրապետի հրեղեն կառքի անիվներու հետքերն են։

Ես հետո միայն իմացա, որ մայրիկի հեքիաթը ուրիշներն էլ գիտեն, ամբողջ գյուղը գիտե, և որ լճեզերքի ավազների վրա կանգնած երեսը խաչակնքելը, մայրիկի աղոթքների մրմունջի տակ, հայրապետի ոգու հետ հաղորդվելու պես մի բան էր, մի տեսակ հավելյալ մկրտություն գյուղի երեխաների համար։

Հեքիաթի հմայքը տարիներով մնաց իմ հոգում։ Իրիկնաժամերին երբ մայրամուտի ցոլքերով լուսավորված ամպերի շողքը անդրադառնում էր լճի մակերեսի վրա և լույսի շերտեր գցում այնտեղ, ես մեր տան փոքրիկ լուսամուտից դեպի լիճը նայելիս հրեղեն կառք էի տեսնում այնտեղ՝ միջին հրեշտակների խմբի հետ մի մեծ ծերունի, սպիտակ մորուքը փռված կուրծքն ի վար, որի աջը ջրերի վրա պարզած,― մայրիկն էր ասել,― հույս էր, խաղաղության երաշխիք ամեն շունչ֊կենդանու համար։

Տարիներ հետո միայն իմ ուսուցիչ պր․ Սիմոնն էր, գյուղի այդ իմաստուն մարդը, որ մայրիկի հեքիաթի ծիրանագեղ հմայքը փարատեց իմ հոգուց, հայտնելով ինձ պատմական մի պարզ ճշմարտություն, Նիկիական հանգանակի և լուսավորչի որդի Արիստակես հայրապետի հետ կապված, ուր սակայն ոչ հրեղեն կառք կար, ոչ հրեշտակ, և ոչ էլ լույսի գծեր ջրերի վրա արծաթե երիզների պես փայլուն։

Ու լիճը, որին մեր հայրերը Արիստակեսի ծով անունն էին տվել, իր հեքիաթային հմայքից մերկացած, շողաց պատանու իմ աչքերին իր կապույտ գեղեցկությամբ միայն։

Արիստակեսի ծովը, Իղնիկի լիճն էր, ցածրիկ դալարագեղ բլուրների գոգի մեջ տարածված կապույտ հմայք, ուր ցերեկը մակույկներ էին լողում ճերմակ առագաստները պարզած հրեշտակի թևերի պես, և ուր գիշերները աստղերի լույսն էր կաթում քամուց տարուբեր ալիքների վրա։


Հրաշագործ ցուցամատը

― Դուն պետք է դպրոց գնաս, ասում էին ծնողներս,― ժամանակները փոխված են, հիմա ձեռքին գիր չունեցողը չապրիր։

Հարևան Տոնո հայրիկն էլ ասում էր․

― Պետք է դպրոց գնաս, Սիսակ, սովորելու ժամանակդ է, քանի՞ տարեկան եղար։

Ես նայում էի մայրիկին, որ իմ փոխարեն պատասխանի․

― Քանի տարեկա՜ն․․․ Տոնո՛ հայրիկ, չիտիմ որ․․․ գեղի բաղնիքը շինելու տարին ես Սիսակովս փորով էի և քար եմ կրել բաղնիքի համար, հիմա դուն ըսե, Սիսակս քանի տարեկան կըլլա․․․

― Յոթ․― պատասխասնում էր Տոնոն իսկույն և ավելացնում․

― Թամամ ժամանակն է, պիտի դպրոց գնա։

Ես պիտի սովորեի Գաբրիել վարժապետի մոտ, որի մասին հայրիկս մեծ համարում ուներ։

― Քիչ մը կոնծել կսիրե, ամա,― ասում էր,― կըսեն որ լավ կսորվեցնե։

Ու մի օր հայրիկն ինձ համար գրքի էջի մեծությամբ մի տախտակ բերեց, ուղղանկյուն քառանկյունու ձևով հղկված կաղնի փայտե մի տախտակ, որի վրա այբ բեն գիմ֊ի մեծադիր տառեր էին կպցրած։

Տախտակը բռնելիք կոթ ուներ, նրա վրա, գրերից վերև, ճիշտ ճակատին խաչի պատկեր կար, որին ի տես մայրիկս երեսը խաչակնքեց երկյուղածորեն։ Ես երկու ձեռքերով պահեցի այն աչքերիս առաջ, և մեծ տառերը իրենց գեղեցիկ եզրագծերով ինձի խորհրդավոր թվացին։

Մայրիկը պայուսակ կարեց իմ ԱԲԳ֊ի տախտակի համար։ Ես այն իր երկար օղով վզովս ուսընդանութ անցկացրի ու կախ տվեցի կողքի վրա։

Նրա մեջ էր խորհրդավոր տախտակը, բռնելիք կոթով, իմ միակ ուսումնական պիտույքը։ Ես երջանիկ էի նրանով։ Մայրիկն էր ասել և ես հավատացած էի, որ տառերը սուրբ են և հրաշագործ հուռութքի պես կպահպանեն մարդու կյանքը չարից ու թշնամուց։

Առավոտյան հայրիկն ինձ տարավ Ծաղկոց, հանձնեց Գաբրիել վարժապետին ու ասաց․

― Միսը քեզի, ոսկորն ինձի։

Ես չհասկացա այդ բառերի իմաստը, բայց զգացի, որ Ծաղկոցը, ուր Գաբրիել վարժապետն իշխում էր իր բարակ, խորհրդավոր ճիպոտով, նման չէր մեր տանը, ոչ էլ մեր փողոցին։ Այնտեղ զգացի անտեսանելի մի ուժ, որ ինձ թույլ չէր տալու ուզած պահիս խաղալ, ցատկոտել ու կանչել անզուսպ, ինչպես որ անում էի մեր տան շրջապատում։

Ամեն առավոտ ժամի բակում Ծաղկոցի բաց դռան շեմքին կանգնած, Գաբրիել վարժապետն ընդունում էր երեխաներին, բարձրահասակ, քիչ կքած, զանգը ձեռին, մինչև կրկունկները հասնող լայն փոթերով շալվարը հագին, դեմքը բարի և ժպիտն աչքերում։

Ծաղկոցում, հոտնկայս, արտասանում էինք տերունական աղոթքը, խմբով, բազկատարած, անգիտակից, բայց անպայման երկյուղածությամբ։

Հետո սկսում էր դասը։

Ա, Բ, Գ֊ի տախտակը ձեռքիս կանգնում էի վարժապետի առաջ։

― Դասդ գիտե՞ս։

― Գիտեմ։

Վարժապետի աջ ձեռքի մեծ եղունգով զինված ցուցամատը կանգ էր առնում տախտակի վրա մի մեծ տառի մոտ․

― Աս ի՞նչ է։

― Թո է։

Մատը սահում էր տախտակի վրա ու կանգ առնում մի հեռավոր մասում․

― Աս ի՞նչ է։

― Ցո է։

― Ապրի՛ս։

Ու մատը նորից էր սահում։

― Աս ի՞նչ է։

Ու այսպես հաջորդաբար, մատը արագ սահում էր տախտակի վրա ետ ու առաջ, աջ ու ձախ, կանգ առնելով տառերի մոտ․

Ու միշտ նույն հարցը․

― Աս ի՞նչ է․․․

Իմ ողջ կյանքում հիշողությանս մեջ անմոռաց մնաց բարի դեմքը ծաղկոցի իմ երախտավոր ուսուցիչ Գաբրիել վարժապետի, իր միշտ ժպտուն աչքերով։

Եվ շատ տասնյակ տարիներ հետո ես այսօրվա պես պարզ տեսնում եմ իմ առաջին ուսուցչի աջ ձեռքի մեծ եղունգով զինված ցուցամատը իմ Ա, Բ, Գ֊ի տախտակի վրա, և ինձ թվում է, որ այդ մեծ մատը, իմ կյանքի մրրկահույզ ծովում դեռ շարունակում է որպես անվրիպելի սլաք, ցույց տալ ինձ կյանքի միակ ու ճիշտ ճանապարհը որ տառերի անմահ հեղինակը նախագծել էր իր ցեղի զավակների համար։


Թուղթ, գրիչ ու թանաքաման

Անթացուպերը կողքին, թոփալ Հրանտը բազկաթոռում ընկողմանած մրափում էր փոքրիկ խանութում, երբ ես ու մայրիկը ներս մտանք։

Մեր ոտնաձայնից զարթնեց, աչքերը տրորեց և ակներևաբար գուշակելով մեր այցի նպատակը․

― Հրամեցեք,― ասաց․ բազկաթոռում ուղղվելու ճիգ անելով,― գիտեմ, թուղթ գրիչ ու թանաքաման կուզեք․․․ աս օրերուս իմ մուշտարիներս դպրոցական տղաներն են, և բոլորը ատ ապրանքները կուզեն։

Խանութպանը ճիշտ էր գուշակել։ Շաբաթներե ի վեր հեգելով կարդում էի և վարժապետը հանձնարարել էր գնել թուղթ, գրիչ ու թանաքաման, գրքից՝ այբբենարանից տառեր արտագրելու համար։

― Այո,― ասաց մայրիկը,― մենք ալ ատոր համար ենք եկեր։

― Գիտեմ,― ասաց խանութպանը,― աս հասակի դպրոցական տղաներու համար ուրիշ բան պետք չէ,― թուղթ, գրիչ ու թանաքաման, ես էլ ատոնցմե ընտիրները բերած կծախիմ։

― Անանկ է նը,― ասաց մայրիկը,― լավ տեսակներեն մանչուս ուզածները տուր։

Խանութպանը, հենվելով անթացուպերին, վեր կացավ բազկաթոռից և ըստ իմ ցանկության դարակից մի տետր ցած բերեց, փոքրիկ լայնաբերան մի թանաքաման՝ թանաքով լիքը, հետո տուփից հանեց կանաչ գույնի մի գրչակոթ ու մի գրչածայր և ցույց տալով մայրիկին։

― Ասոնք, Վարդանուշ մար,― ասաց,― ունեցածներուս ամենեն աղեկներն են։

― Ի՞նչ կարժեն,― հարցրեց մայրիկը,― շատ սուղ չըլլա․․․

― Ասոնց գինը,― ասաց խանութպանը բարեհամբույր ժպտալով,― ձեզի համար հիսուն փարա է։

Ես նայեցի մայրիկին և զգացի, որ գինը բարձր է գտնում։

― Հրանտ եղբայր,― ասաց,― քառասուն փարա ունիմ, էվել փարա չունիմ, կուտաս տուր։

Հրանտ եղբայրը ինձ հիացրեց իր բարությամբ․ նա երկար չմտածեց․

― Քանի որ Գրիգոր աղբարիս աղվոր մանչուկին համար է,― ասաց,― վնաս չունի, պակասով թող ծախիմ, ամեն մուշտարիե շահ չեն ըներ, տո՛ւր քառսուն փարան։

Մայրիկը գլխաշորի ծայրը կապած հանգույցը քանդեց, միջից հանեց արծաթ ղուրուշնոցը և տվեց խանութպանին։

Հրանտ եղբայրը վերցրեց փողը, գցեց դարակը և, որպեսզի առանձին բավականություն պատճառած լինի Գրիգոր աղբարի սիրուն մանչուկիս, տուփի մեջ տեղավեց իրերը, դրեց իմ թևատակին, շոյեց այտերս ու ասաց․

― Սորվե՛ , մանչս, սորվե՛, աս դարուս մեջ չսովորողը անոթի կմնա։



― Աս քարի վրա նստած գրելու եմ,― ասացի մայրիկին, ցույց տալով մեր տան պատի երկայնքով դրած երկարավուն սալաքարը, որի վրա հաճախ հանգստանում էր հայրիկը աշխատանքից հետո։

― Հոդ հարմար չէ՛, ներս եկուր,― ասաց մայրիկը,― ո՞վ է տեսեր, որ փողոցընստած գիր գրեն, եկող գացող ի՛նչ կըսե։

Չլսեցի մայրիկին ու նստեցի սալաքարին, ինծի ինչ, թե ինչ կմտածեն եկող գնացողները, ես ուզում էի, որ ինձ տեսներ Շուշանը, որի հետ խաղ էի անում շարունակ, և զարմանար իմ գրչի խաղով թղթի վրա։

Բացեցի տուփը և սալաքարի վրա կողք կողքի շարեցի տետրակը, գրիչն ու թանաքամանը։

Շուշանը տեսավ ինձ ու վազեվազ եկավ մոտս․

― Ասոնք ամենն ալ քո՞ւկդ են,― հարցրեց զարմացած։

― Այո՛,― ասացի,― թոփալ Հրանտի խանութեն գնեցինք։

― Ասոնցմով ի՞նչ պիտի ընես,― հարցրեց։

― Գիր պիտի գրեմ,― ասացի,― այբեն մինչ ֆեն պիտի գրեմ։

― Գի՞ր,― ասաց Շուշանը,― գրե տեսնեմ։

Ես դժվարությամբ հանեցի լայնաբերան թանաքամանի խցանը և գրիչը թաթախեցի ու երբ այն փոխադրեցի թղթի վրա, հանկարծ մի մեծ կաթիլ թանաք կաթեց տետրի բացված էջին ու տարածվեց աստղաձև։

Սաստիկ անախորժություն զգացի, նայեցի գրչածայրին, որի վրա թանաքի հետք իսկ չէր մնացել։ Գրիչը թաթախեցի նորից և դողացող մատներիս մեջ պինդ բռնած սեղմեցի թղթի վրա։ Գրչի սուր ծայրը մտավ թղթի մեջ, ցնցվեց տետրի էջը և նաշխվեց թանաքի մանրագույն կաթիլներով։

Շուշանը ծիծաղեց և սկսեց ցատկոտել։ Ջղայնացա, ինձ վրա էր ծիծաղում անշուշտ։ Հուսահատ, գրիչը շպրտեցի սալաքարի վրա, և սարսափով տեսա, որ թանաքամանը շուռ եկավ, գլորվեց, սալաքարից ցած ընկավ և գետինը ներկեց մթագույն հեղուկով։

Լաց եղա։ Շատ դժբախտ էի զգում ինձ։ Շուշանը ձայն տվեց մայրիկին, որ բակում ջահրակ էր պտտում։ Մայրիկը եկավ, տեսավ գլորված թանաքամանը, թանաքի մանրիկ կաթիլներով աղտոտած տետրի բաց էջը և գրիչը սալաքարի վրա ընկած։

― Թոփալ Հրանտը,― ասացի լացակումած,― գեշ գրիչ է տվեր ինձի, թուղթն ալ գեշտ է, թանաքն ալ գեշ է, ամենն ալ գեշ է, ամենն ալ գեշ են։

Ու շարունակեցի հոնգուր֊հոնգուր լաց լինել սալքարին նստած։

Ի՜նչ հույսեր էի կապել իմ առաջին գրավոր աշխատանքի հետ, գովեստներ էի սպասում վարժապետից, շռայլ դրվատական խոսքեր․․․

Եվ ահա կատարյալ ձախողություն․․․

Բայց մայրիկը մխիթարեց ինձ․

― Մի լար, իմ թոսուն մանչս,― ասաց,― ես առտուն լավերը կառնիմ քեզի համար․․․― ու գոգնոցի ծայրով սրբեց արտասվաթոր աչքերս։

Հետո հիշելով անշուշտ անդարձ կորուստը այն դժբախտ արծաթ ղուրուշնոցին, որ հեշտությամբ չէր ճարվել, գուցե սփոփելու համար ինձ, դառը խոսքեր ասաց խանութպանի հասեցին։

― Գետինը մտնես թոփալ շուն,― ասաց,― ալ մարդ չգտա՞ր մեզի պես աղքատին ծախեցիր գեշ ապրանքը։

Այն օրից անցել են շատ տասնյակ տարիներ, և դեռ մինչև հիմա ցավ է իմ սրտին, որ ես իմ առաջին ձախողությանը հանիրավի մեղսակից դարձրի խեղճ ու անմեղ խանութպանին, երբ նա հիացրել էր ինձ իր բարությամբ․․․ ցավ է իմ սրտին, որ ես թաքցրի ճշմարտությունը մայրիկից․ որ թափալ Հրանտը գեշ ապրանք չէր տվել ինձ և թե ինձ պատահած այն մեծ դժբախտության համար մեղավոր էին միայն սիրուն մանչուկի մանրիկ մատները, որոնք դեռ թույլ ու անվարժ էին գրիչ շարժելու համար․․․

Պարոն Սիմոնը

Մի գյուղ էր և մի պարոն Սիմոն․․․ Նրա նման ուսումնական մի ուրիշ մարդ չկար գյուղում, մի պատկառելի անձնավորություն, որին գյուղացիք վարժապետ ավանդական անվան փոխարեն պարոն պատվանունն էին տվել։

Վաթսունի մոտ ծերունի էր, բարձրահասակ, հաղթամարմին, ակնոցը քթից անբաժան, ժամացույցի ոսկի շղթան կուրծքի վրա փող֊փողուն․․․

Կյանքի փորձով իմաստնացած մարդ էր, գիտուն, օրենքներին լավատեղյակ և մանավանդ քաջ գրաբարագետ։

Ամեն տարի ավագ ուրբաթ գիշեր եկեղեցու խորանից նա էր կարդում խաչելության ճառը, լացացնելով հավատացյալներին, ինքն էր նաև որ դամբանականներ էր կարդում հարուստ մեռյալների դագաղի առաջ և գրաբար ոտանավորներ հորինում նրանց մարմարե շիրմաքարերի համար։

Գյուղում թեև ուրիշ գրագետ մարդիկ էլ կային, բայց ուսումնականի և գիտունի անվիճելի գերազանցությունը նրանն էր։ Քահանաները ավետարանի խրթին գլուխների մեկնաբանության համար նրան էին դիմում, և երբ պետք էր լինում հիվանդի վրա Նարեկ կարդալ, մարդիկ նախասիրաբար պր․ Սիմոնին էին դիմում։

Եվ հիվանդի տերերը համոզված էին, որ նարեկի բառերը մի ուրիշ տեսակի բարերար ազդեցություն էին գործում հիվանդի վրա, քան որևէ մի այլ ընթերցողի բերանում։

― Կարդալե կարդալ տարբերություն կընե,― ասում էին։

Ահա թե ինչու գյուղում պր․ Սիմոնը ամեն դասի մարդկանց մոտ կրոնավորի չափ հարգանք ուներ։

Փողոցներում դռների առաջ նստոտած կանայք հեռվից նրան տեսնելիս իրար ձայն էին տալիս․ «Աղջի՛ պարոն Սիմոնը կուգա․․․» ու երբ մոտենում էր իրենց, ոտքի էին ելնում, ինչպես որ պիտի ոտի կանգնեին, եթե մի կրոնավոր մոտենար իրենց։

Եվ այդ անզուգական մարդը, բացի այն, որ սովորեցնում էր դպրոցում, գյուղի ժողովրդին էլ լուսավորում էր լրագիր կարդալով։

Լրագրերի մոլի ընթերցողը թերթերի խմբագրական հոդվածներից ջոկում էր եվրոպական մամուլի բոլոր լավատեղյակ աղբյուրներից քաղված կարծիքները, հոգ չէ թե նրանք երբեմն էլ հակասական ու անհեթեթ էին լինում, և մեկնաբանում ունկնդիրներին։

Երեկոները հաճախ գյուղի կենտրոնական սրճարանն էր գնում, բաճկոնի արտաքին գրպանում մի քանի անուն լրագիր։ Այնտեղ էին լինում գյուղի աչքի ընկնող մարդիկ, աղաներ, խանութպաններ, թաղական֊հոգաբարձու, ինչպես նաև հատ ու կենտ նորելուկ ուսումնականներ։

Մարգար աղան իսկույն սուրճ էր պատվիրում պր․ Սիմոնի համար, Հաջի Համբարձում աղան էլ պատրաստի սիգարեթ էր հրամցնում։

Պր․ Սիմոնը ներկաներին, որոնք իր մշտական ունկնդիրներն էին, սպասել չէր տալիս։ Սկսում էր կարդալ իրեն հատուկ գեղեցիկ առոգանությամբ, սահուն, անսայթաք, երբեմն ոգևորությունից շնչասպառ լինելու չափ շունչը երկար պահած, երբեմն էլ ընդհատելով ընթերցումը բացատրում էր հատվածի այն մասերը, ուր դիվանագիտական նուրբ ակնարկներ կային և թաքուն դարձվածքներ, որոնց իբր այնքան իմաստուն կերպով թափանցած էր լինում հոդվածագիրը, շնորհիվ իր քաղաքական բացառիկ խորիմացության։

Հաջորդ օրերին գյուղի կենտրոնական սրճարանում տեղի ունեցող զրույցները, ինչպես ռադիո հաղորդման կայանից տարածված լուր, իմացվում էին գյուղում․․․ իմացվում էր, որ մեր ազգի փրկության մասին խոսք է եղել սրճարանում և պր․ Սիմոնը զգույշ կերպով (խոսելիս ձայնը ցածրացրել է) հասկացրել է թե «Թուրքին ձեռքեն մեզի միայն Մոսկոֆը կրնա ազատիլ»։

«Ինգլիզեն հույս մի ունենաք,― ասել է,― անիմա նենգ է, խարդախ (պարոն Սիմոնը ինգլիզին այդ օրը անվանել է նենգ Ալբիոն, մի բառ, որ ոչ ոք մինչ այդ լսած չի եղել)։

Բայց ահա այդ ժամանակ է, որ ներկաներից մի քանի երիտասարդ ընդդիմախոսել են նրան։

«Մեր փրկությունը,― ասել են նրանք,― արևմուտքեն պիտի գա»։ Եվ սկսել են գովքն անել Ինգլիզի դիվանագիտության և ուժի, Ֆրանսիայի գիտության և արվեստի, պետություններ, որոնք իբր «մասնավոր համակրությունը մը ունին մեզի հանդեպ»։

Բայց․․․ նորելուկ այդ դիվանագետները, չնայած նոր֊նոր բառերով ու դարձվածքներով հագեցած իրենց ամբողջ պերճախոսության, որոնց պր․ Սիմոնը ճամարտակություն է անվանում, չեն կարող հեղինակազրկել պր․ Սիմոնին։

Մի գյուղ էր և մի պր․ Սիմոն․․․ նրա նման ուսումնական, նրա նման քաղաքագետ մի ուրիշը չկար գյուղում, և գյուղացիք միշտ համաձայն են նրան, համոզված, որ «թուրքին ձեռքեն մեզի միայն Մոսկոֆը կրնա ազատել»։


Տոնո հայրիկը

Բարձրահասակ էր, նրբակազմ, տարիքը վաթսունն անց, բայց աշխույժ էր, զվարթ, երիտասարդի նման։

Երկու աղջիկ զավակներին ամուսնացրած, իր կնոջ Սիրազարդ մայրիկի հետ առանձին էր ապրում երկու հարկանի բնակարանում, որ մեր տան ուղիղ դիմացն էր։

Դռան առաջ փռած խսիրի վրա բարձերին հենված շարունակ ծխում էր, համրիչ ձգում, լրագիր կարդում և հաճախ հայհոյում իշխանությանը։ Երբեմն էլ հեծնում էր իր մեծ սպիտակ էշը և այգի գնում, լճեզերքի իր ընդարձակ այգին, որի խնամքը վերջին տարիներս հանձնել էր փեսաներին։

Էշը դուրս էր բերում ախոռից, իր ձեռքով թիմարում, խոշոր կապույտ հուլունքներով շարոցը, մեջե մեծ բոժոժները հագցրած, անց էր կացնում կենդանու վզին, հետո դնում էր թամբը և հո՛պ․․․ հեծնում էր ու քշում։

Այն ժամանակ փողոցն իսկույն լցվում էր բոժոժների զիլ ճնգլտոցով, ու մարդիկ իմանում էին, որ Տոնոն մեկնեց։

Երեկոյան հեռվից լսվող նույն զիլ ձայնի արձագանքն էր հայտնում Տոնոյի վերադարձը։

Սիրազարդ մայրիկը դուռն էր գալիս և զառիվայրի հեռվում տեսնում ծերունի հեծյալին, թոռնիկներից մեկը գրկում, որ վերցրած էր լինում աղջկա դռնով անցնելիս։

Այն ժամանակ մի պայծառ ու լայն ժպիտ լուսավորում էր Սիրազարդ մայրիկի խորշոմած դեմքը․․․


Տոնո հայրիկը իմ բարեկամն էր, իմ խորհրդատուն, իմ պաշտպանը։

Երեկոները դպրոցից վերադառնալիս հաճախ տեսնում էի նրան դռան առաջ խսիրի վրա ընկողմանած։ Գիտեի, որ ինձ իր մոտ էր կանչելու, օրվա իմ սովորածների մասին հարց ու փորձ անելու համար։

Այդ միտքը ինձ ուրախացնում էր,― մեկը կար, գիրք ու լրագիր կարդացող ուսումնական մի մարդ, որին թաղեցիները Տոնո հայրիկ էին անվանում, և որ հետաքրքրվում էր իմ հաջողություններով։

Ուրախանում էի, որ նա փոխարինում էր իմ ծնողներիս, երբ նրանք, լինելով ոչ գրագետ, չէին կարող զբաղվել իմ ուսման գործով։

― Եկուր, սիրո՛ւն մանչուկ,― կանչում էր ինձ,― տեսնմ այսօր ինչ ես սովորել։

Ես ուրախությամբ մոտենում էի նրան և խսիրի վրա նրա կողքին կուչ եկած, իմ սովորածների փոքրիկ հաշվետվությունն էի անում, մեկ֊մեկ պատասխանելով իր հարցերին․․․

― Թվաբանության չորս գործողություննե՞րը․․․ ատ ինչ է որ․․․ ջրի պես գիտեմ։ Երկրի չորս կողմերը քարտեզի վրա կրնամ որոշել, հինգ աշխարհամասերն ալ, որոնցմե ամենամեծը Ասիան է, կրնամ ցույց տալ․․․ Բայն ու ենթական որոշե՞լ․․․ ատկե դյուրին բան չիկա․․․ Թվերու մասը գտնել գիտեմ, հայերեն այբ ու բենն ալ սուրբ Մեսրոպն է հնարել․․․

― Տոկոս գտնել ալ գիտե՞ս,― հարցնում էր Տոնո հայրիկը։

― Չէ, ատիկա տահա չենք սորվեր, վարժապետը կըսե, որ եկող տարի պիտի սորվինք․․․

Մայրիկը լսում էր մեր զրույցը, բաց էր անում բակի դուռը և հուզմունքը թաքցրած․

― Ինչա՞ն է, Տոնո հայրիկ,― հարցնում էր,― Սիսակս բան գիտե՞, բան սորվե՞ր է․․․

Տոնո հայրիկը ծաղկեցնելով պատմում էր իմ առաջադիմության մասին։

Այն ժամանակ մայրիկն ուրախացած ասում էր․

― Գիտե՞ս ինչու կհարցնեմ։

― Ինչո՞ւ․․․

― Գրիգորը, ալ գիտցածը հերիք է, կըսե, ու դպրոցեն Սիսակիս հանել կուզե, ատոր համար կհարցնիմ։

Տոնո հայրիկը վրդովված գոչում էր․

― Ի՞նչ կըսես, խե՞նթ եք ինչ եք, տղուն արո՞ւնը պի մտնեք, թաղին մեջ մեկ հատիկ է Սիսակը, ան ալ ուզում եք, որ անուսո՞ւմ մնա․․․ յավաշ, ես Գրիգորին կհամոզեմ, որ ատ մտքեն ետ կենա։

― Տոնո հայրիկ,― ասում էի,― Հայաստանի երգը նորեն երգե։

― Սովրի՞լ կուզիս,― հարցնում էր։

― Այո՛․․․

Իմ ցանկությունը ուրախացնում էր նրան, և նա սկսում էր երգել ինձ համար, ցածրաձայն, իր ներդաշնակ ձայնով։

Նպատակիս հասնիմ միայն,
Թող զիս հանեն կախաղան,
Կախաղանեն խեղդուկ ձայնով,
Պի՛տ գոչեմ «Ախ Հայաստան»։

Ես սովորեցի երգի բառերն և եղանակն էլ և սկսեցի երգել մեղմաձայն, ինքս ինձ համար։

Բայց մի օր մայրիկը հարցրեց․

― Ո՞վ է քեզ սորվեցուցեր ատ երգը։

― Տոնո հայրիկը,― ասացի։

― Աղե՛կ,― ասաց մայրիկը,― ամա ատ երգը ուրիշներու մոտ չերգես, ատիկա արգելված երգ է, Տոնո հայրիկը քեզի չըսա՞վ, որ ատոր համար ինքը տարի մը բանտարկվեր է․․․

― Ի՞նչ կըսես, ե՞րբ․․․

― Տարիներ առաջ,― ասաց մայրիկը,― երբ որ դուն տարեկան մըն ալ չկայիր․․․ մատնվեր էր Տոնո հայրիկը, մեր գյուղի թուրքերն էին մատներ, որոնք ջուրի պես հայերեն գիտեն, չգիտեմ ինչպես էր եղեր, լսել են երգելը և Հայաստան բառը լսածնուն պես իմացուցեր էին կառավարության, թե Տոնոն Հայաստանի երգը կերգե։ Կառավարությունն ալ բանտարկեր էր։

Ես այդ երգը երբեք ուրիշների մոտ չերգեցի, ինչպես պատվիրել էր մայրիկը, բայց սկսեցի ավելի հաճախ երգել ինքս ինձ համար։

Ես այն ժամանակ չէի հասկանում, թե այն ինչ նպատակի մասին էր խոսքը, որին հասնելու կոչ էր անում երգը, կախաղան հանվելու իսկ գնով․․․

Չգիտեի, բայց զգում էի, որ այն մի վսեմ նպատակ պետք է լիներ, քանի որ այն առնչվում էր Հայաստանի անվան հետ, որի մասին դպրոցում հիմա ավելի հաճախ էի լսում։

Մայրիկի պատմած գեղեցիկ հեքիաթը կապված մեր ծովակի անվան հետ, Նիկիական հանգանակի պատմությունը, որ լսել էի պր․ Սիմոնի պերճ լեզվով, և ապա Տոնո հայրիկի երգը, որի համար մայրիկը պատվիրում էր չերգել ուրիշների մոտ, այս բոլորը միասին ու միաբան ինձ ասում էին հեռավոր ու կախարդական այն աշխարհի մասին, որ, հիշում եմ, ուսուցիչը արցունքն աչքերում, դրախտավայր անվանեց․․․

Նպատակիս հասնիմ միայն,
Թող զիս հանեն կախաղան․․․

Թաքուն էի երգում, և ուրախ էի, երջանիկ, որ ոչ մի չար ականջ ինձ չէր լրտեսում։


Մի երեկո դպրոցից վերադառնալիս Սիրազարդ մայրիկի տան առաջ խմբված բազմություն տեսա։ Մեր հարևաններն էին։ Շուշանը տխուր նստել էր իրենց տան շեմքին։

Մոտեցա նրան, մարդկանց այս խմբումի պատճառը հարցնելու համար։ Նա գուշակեց միտքս և առանց սպասելու որ հարցնեմ․

― Տոնո հայրիկին բանտարկել են,― ասաց։

Եվ այս լուրը հաղորդելիս Շուշանն այնպիսի տխուր տեսք ընդունեց, որ ես մի րոպե պատկերացրի, թե մեր ծերունի հարևանին տարել են մահվան։

― Բանտարկե՞լ,― հարցրի հուզմունքից կակազելով,― ի՞նչ կըսես, ինչո՞ւ․․․

― Չեմ գիտեր,― ասաց,― ցերեկ աչքով ոստիկանները բռներ տարեր են կառավարչատուն ու բանտարկեր․․․

― Պատճա՞ռը․․․

Շուշանը շրթները սեղմեց և թոթվեց ուսերը, հասկացնելով ինձ թե պատճառն իրեն անհայտ է։

Ես իսկույն հիշեցի Հայաստանի դժբախտ երգը, որի համար Տոնո հայրիկին մի տարի բանտարկել էին իմ վաղ մանկության տարիներին։

― Եթե,― մտածեցի ես վշտով,― նորից անզգուշորեն երգել է այն և լրտեսող ականջներ են եղել,― ապա այս անգամ անշուշտ իմ մեծ բարեկամը մի տարուց չի ազատվի։

Հետո հիշեցի Սիրազարդ մայրիկի գանգատը ծերունի ամուսնու հասցեին։

― Աս մարդը,― ասում էր նա հաճախ,― բերանը գոցել չի գիտեր, ամեն տեղ էվեր պակաս կխոսի, խոսած ատենն էլ ալ սանկ մեյ մը չորս դին չի նայեր որ․․․

Այդ օրից շաբաթներ անցան, բայց Տոնո հայրիկի բանտարության պատճառների մասին ստույգ ոչինչ չհայտնվեց։ Բերնե բերան հազար խոսք ու ենթադրություն․․․ և բոլորն էլ անհիմն ու անհավանական։

Սիրազարդ մայրիկի փեսաներն էլ, որոնք ձերբակալման գործով անմիջականորեն շփման մեջ էին դատական մարմինների հետ, ծերունու բանտարկության շարժառիթների մասին եղած հարցումների խուսափողական պատասխաններ էին տալիս․

― Թեթև բան է, ջանըմ,― ասում էին,― քանի մը օրեն հայրիկը տուն կուգա։

Եվ որպեսզի հետաքրքրվողներին ապահովվեին, թե «քանի մը օրեն» ծերունին տուն կգա․

― Հինգ֊տասը ոսկիի գլուխն է,― ասում էին։

Սիրազարդ մայրիկի փեսաները հինգ֊տասը ոսկիի առաջ կանգ առնող չէին, բայց ահա երկու ամիսե իվեր Տոնոն մնում էր շրջանային բանտում, ուր գյուղից փոխադրել էին նրան բանտարկության յոթերորդ օրը, և պառավ մայրիկի հետ հարևաններն էլ զուր էին սպասում ծերունու վերադարձին։

Սակայն մի օր Տոնո հայրիկի բանտարկության շարժառիթների շուրջ եղած բոլոր ենթադրություններն ամփոփվեցին ու խտացան մի լորի մեջ, որ բոլորի կողմից ընդունվեց որպես ստույգ և արժանահավատ։

Ամիսներ առաջ Սուլթան Համիդի ծննդյան տարեդարձի տոնակատարության ավանդական հանդեսության նախապատրաստման օրերին, երբ կառավարական շենքը զարդարում էին լապտերներով, դրոշակներով ու գույնզգույն թղթե ժապավեններով, այնտեղ հավաքված մարդկանցից շատերը հարցնում էին իրար, թե ինչ դեպքերի առնչությամբ է կատարվում այս բոլորը։

― Լրագիր չե՞ք կարդացեր,― մեջ է ընկնում Տոնո հայրիկը,― չէ՞, անանկ է նը իմացեք,որ վաղը մեր օգոստափառ կայսեր, սուլթան թամ֊իթի [1] ծննդյան օրն է․․․

Սուլթանի անվան այնքան նմանահնչյուն, բայց այնքան իմաստավոր այս զույգ առերի արտասանության վրա ներկաներն սկսում են քահ֊քահ ծիծաղել։

Տոնոն չէր իմացել, որ բազմության մեջ իրեն լրտեսող ականջներ կային։

Մի քանի օր հետո Տոնոյին բանտարկել էին։


Տոնո հայրիկի բանտարկությունից չորս ամիս հետո, աշնանային մի օր առավոտյան մեր փողոցում նորից լսելի եղավ բոժոժների ծանոթ ու հաճելի ճնգլտոցը, որով մենք սովոր էինք գուշակել ծերունի հարևանի մեկնումը տնից և կամ ողջունել նրա վերադարձը այգուց։

Տոնոյին ազատել էին բանտից և Սիրազարդ մայրիկի փեսաները պատրաստվում էին մեկնելու շրջանային կենտրոն, նրան գյուղ բերելու համար։

Հայրիկի քմահաճույքն էր եղել գյուղ վերադառնալ նստած իր ճերմակ քուռակին՝ բոժոժների շարոցով, և ահա փեսաները եկել էին տանելու կեննդանուն։

Սիրազարդ մայրիկը բոժոժներով ագուցված կապույտ հուլունքներով շարոցը բերեց և անձամբ գցեց քուռակի վզին, փեսաները քարշ տվեցին կենդանուն ու մեկնեցին։

Պառավ մայրիկը դռան առաջ կանգնած երկար նայեց նրանց ետևից մինչև հեռվում անհետ եղան նրանք, և փողոցում հանգավ բոժոժների աշխույժ ու ժիր ճնգլտոցը։

Հետո գոգնոցով սրբելով աչքերը, որոնք ողողված էին ուրախության արցունքներով, մրմնջաց․

― Գետինը մտնես, թուրք։


Մեր տան պատին կից երկարավուն սալաքարին նստած կարդում էի Ռոբինզոնի պատմությունը և Շուշանը լսում էր ինձ։

Ես այնպես էի կլանվել ընթերցանությամբ, որ մի պահ մոռացել էի Տոնո հայրիկին, որի վերադարձին հարևաններն սպասում էին անհամբեր։

Երբեմն փողոցով անցնողները լսում էին իմ ուշադրությունը գրքից, իրենց աչքալուսի բարձրագոչ մաղթանքներով՝ ուղղված Սիրազարդ մայրիկին, որ նստել էր ներքնահարկի բաց լուսամուտի առաջ, հայացքը դեպի փողոցի հեռուն։

― Աչքդ լուս, Սիրազարդ մայրիկ, լսեր ենք, որ Տոնո հայրիկը գալու է այսօր։

Այցելուներն անցնում գնում էին, Սիրազարդ մայրիկը շարունակում էր նայել հեռուն, չմոռանալով երբեմն հրահանգներ տալ իր աղջիկներին, որոնք հարևան կանանց հետ տան մեջ այցելուներ ընդունելու նախապատրաստությամբ էին զբաղված։

Ես կարդում էի Ռոբինզոնի ամենահետաքրքիր գլուխներից մեկը, և երևակայությունս սավառնում էր հեռու հեռու աշխարհներում, երբ հանկարծ Շուշանը ձեռքը դրեց գրքի բաց էջի վրա և խափանելով ընթերցումը․

― Կարծեմ Տոնո հայրիկը կուգա,― ասաց և ոտքի ելավ։

Շուշանը չէր սխալվել։ Փողոցում հետզհետե ավելի հստակ արձագանքում էր Տոնո հայրիկի սպիտակ քուռակի բոժոժների ճնգլտոցը, դուրս կանչելով տներից հարևանների հետ Սիրազարդ մայրիկին էլ, որ աշխատում էր դեպի փողոցի դուռը գալ։

Երևաց Տոնո հայրիկը, բազմած սպիտակ քուռակին, փեսաների հետ, որոնք ձիեր էին հեծած, ետևում բազմությունը ծանոթ֊բարեկամների, որոնք շտապում էին իրենց խնդությունը հայտնել ծերունի հայրիկին, խիստ վտանգավոր և աննախադեպ ծանր մեղադրանքից նրա ազատվելու առթիվ։

Նիհարել էր, դժգունել, մնալով սակայն միշտ առաջվա ուրախ ծերունին։

Նորից ցերեկները դռան առաջ խսիրի վրա ընկողմանում էր ու ծխում, լրագիր կարդում ու հայհոյում իշխանությանը։ Երբեմն էլ հեծնում էր սպիտակ քուռակը և այգի գնում։

Մտերիմ այցելուների հետ զրուցելիս, հաճախ հիշելով իր բանտարկման շարժառիթների հետ ազատման էլ պարագաները, ասում էր, որ մեծ գին չէր վճարել, միայն քսան ոսկի, սուլթանի մասին արած իր հայտարարությանը, և իր սովորական զվարթամտությամբ ծիծաղում նրանց վրա, որոնք ենթադրում էին թե վճարելու է կյանքի գնով։

Հետո էլ որպես կյանքի փորձով իմաստնացած մարդ․

― Աշխարհքի մեջ,― ասում էր,― ճշմարտության մասին խոսելը ամենադժվար բանն է։
  1. Իսկական շուն։