«Թոմ Սոյերի արկածները»–ի խմբագրումների տարբերություն
չ (→Գլուխ 1) |
չ |
||
(44 intermediate revisions by 2 users not shown) | |||
Տող 20. | Տող 20. | ||
− | ==Գլուխ | + | ==Գլուխ I== |
― Թո՛մ։ | ― Թո՛մ։ | ||
Տող 60. | Տող 60. | ||
― Վա՜յ, մորաքո՛ւյր։ Այդ ի՞նչ է ձեր մեջքին։ | ― Վա՜յ, մորաքո՛ւյր։ Այդ ի՞նչ է ձեր մեջքին։ | ||
− | Լեդին վախեցած շրջվեց ու փեշերն շտապով հավաքեց, որպեսզի խուսափի ահավոր դժբախտությունից։ Իսկ տղան նույն | + | Լեդին վախեցած շրջվեց ու փեշերն շտապով հավաքեց, որպեսզի խուսափի ահավոր դժբախտությունից։ Իսկ տղան նույն վայրկյանին փախավ, մագլցելով անցավ բարձր ցանկապատն ու անհայտացավ։ Մորաքույր Պոլին մի պահ շշմած կանգնեց, ապա բարեհոգությամբ ծիծաղեց․ |
Ա՜յ քեզ տղա։ Ժամանակն է, որ վարժվեմ սրա օյիններին։ Գլխիս քի՞չ խաղ է խաղացել։ Գոնե այս անգամ պետք է մի քիչ խելոք լինեի։ Բայց, ինչպես երևում է, չկա ավելի մեծ հիմար, քան ես՝ ցնդածս․․․ Իզուր չեն ասում, թե «պառավ շանը նոր բաների չես վարժեցնի»։ Բայց, աստված իմ, այդ տղայի օյիններն էլ միշտ տարբեր են լինում։ Այսօր մի բան, վաղը՝ մի ուրիշ․․․ Կարո՞ղ ես գուշակել, թե ինչ կա նրա գլխում։ Նա կարծես գիտե, թե որքան պիտի տանջի, մինչև հոգիս հանելը, գիտե նաև, որ բավական է շեղի ուշադրությունս կամ ծիծաղեցնի, անմիջապես թևաթափ եմ լինում, և ճիպոտով հարվածելու ուժ չի մնում։ Աստված թող ների ինձ․․․ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է․ պարտքս նրա նկատմամբ չեմ կատարում։ Սուրբ գիրքն ասում է, որ առանց ճիպոտի յոլա գնացողը կփչացնի երեխային։ Իսկ ես նրան երես եմ տալիս, մեղա՜, մեղա՜։ Դրա համար էլ այն աշխարհում երկուսս էլ կտանջվենք։ Գիտեմ, թե ինչ սատանան է, բայց բան ասել չեմ կարող։ Ախր հանգուցյալ քրոջս որդին է։ Խե՜ղճ երեխա։ Ձեռքս չի գնում, թե որբին ծեծեմ։ Ամեն անգամ, երբ ձեռքիցս դուրս է պրծնում, խիղճս ինձ այնպես է տանջում, որ ասել չեմ կարող։ Իսկ ծեծելիս էլ մաշված սիրտս է կտոր֊կտոր լինում։ Սուրբ գրքում ճիշտ է ասված․ «Կարճ է կյանքը մարդու և լի՝ վշտերով»։ Շատ ճիշտ է, խոսք չկա։ Իսկ նա, երևի, այսօր այլևս դպրոց չի գնա։ Մինչև իրիկուն թրև է գալու։ Պարտքս լինի՝ այնպե՜ս պատժեմ նրան։ Կստիպեմ, որ ամբողջ օրն աշխատի։ Նա, իհարկե, չի սիրում աշխատել շաբաթ օրը, այն ժամանակ, երբ մյուս ընկերները խաղում են։ Բայց ուրիշ կերպ վարվել չեմ կարող։ Նա ամենից շատ ատում է աշխատանքը։ Իսկ ես պետք է պարտքս կատարեմ, թե չէ տղան ձեռից կգնա։ | Ա՜յ քեզ տղա։ Ժամանակն է, որ վարժվեմ սրա օյիններին։ Գլխիս քի՞չ խաղ է խաղացել։ Գոնե այս անգամ պետք է մի քիչ խելոք լինեի։ Բայց, ինչպես երևում է, չկա ավելի մեծ հիմար, քան ես՝ ցնդածս․․․ Իզուր չեն ասում, թե «պառավ շանը նոր բաների չես վարժեցնի»։ Բայց, աստված իմ, այդ տղայի օյիններն էլ միշտ տարբեր են լինում։ Այսօր մի բան, վաղը՝ մի ուրիշ․․․ Կարո՞ղ ես գուշակել, թե ինչ կա նրա գլխում։ Նա կարծես գիտե, թե որքան պիտի տանջի, մինչև հոգիս հանելը, գիտե նաև, որ բավական է շեղի ուշադրությունս կամ ծիծաղեցնի, անմիջապես թևաթափ եմ լինում, և ճիպոտով հարվածելու ուժ չի մնում։ Աստված թող ների ինձ․․․ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է․ պարտքս նրա նկատմամբ չեմ կատարում։ Սուրբ գիրքն ասում է, որ առանց ճիպոտի յոլա գնացողը կփչացնի երեխային։ Իսկ ես նրան երես եմ տալիս, մեղա՜, մեղա՜։ Դրա համար էլ այն աշխարհում երկուսս էլ կտանջվենք։ Գիտեմ, թե ինչ սատանան է, բայց բան ասել չեմ կարող։ Ախր հանգուցյալ քրոջս որդին է։ Խե՜ղճ երեխա։ Ձեռքս չի գնում, թե որբին ծեծեմ։ Ամեն անգամ, երբ ձեռքիցս դուրս է պրծնում, խիղճս ինձ այնպես է տանջում, որ ասել չեմ կարող։ Իսկ ծեծելիս էլ մաշված սիրտս է կտոր֊կտոր լինում։ Սուրբ գրքում ճիշտ է ասված․ «Կարճ է կյանքը մարդու և լի՝ վշտերով»։ Շատ ճիշտ է, խոսք չկա։ Իսկ նա, երևի, այսօր այլևս դպրոց չի գնա։ Մինչև իրիկուն թրև է գալու։ Պարտքս լինի՝ այնպե՜ս պատժեմ նրան։ Կստիպեմ, որ ամբողջ օրն աշխատի։ Նա, իհարկե, չի սիրում աշխատել շաբաթ օրը, այն ժամանակ, երբ մյուս ընկերները խաղում են։ Բայց ուրիշ կերպ վարվել չեմ կարող։ Նա ամենից շատ ատում է աշխատանքը։ Իսկ ես պետք է պարտքս կատարեմ, թե չէ տղան ձեռից կգնա։ | ||
Տող 118. | Տող 118. | ||
Թոմն այն օրինակելի տղան չէր, որով ամբողջ քաղաքը կարող էր հպարտանալ։ Բայց նա շատ լավ գիտեր, թե ով է օրինակելին, և ատում էր նրան։ | Թոմն այն օրինակելի տղան չէր, որով ամբողջ քաղաքը կարող էր հպարտանալ։ Բայց նա շատ լավ գիտեր, թե ով է օրինակելին, և ատում էր նրան։ | ||
− | Չանցած երկու րոպե (գուցե ավելի շատ) Թոմի գլխից թռան բոլոր անախորժությունները։ Պատճառն այն չէր, որ նույնիսկ մեծերին տանջող անախորժությունները Թոմի համար ավելի թեթև էին ու տանելի, այլ այն, որ այդ պահին Թոմին համակեց մի նոր ու զորեղ ցանկություն, և այդ ցանկությունը նրա գլխից դուրս քշեց բոլոր տագնապները։ Նույն կերպ էլ մեծերն են ընդունակ մոռանալ իրենց բոլոր վշտերը, հենց որ նրանց հրապուրում է որևէ նոր գործ։ Թոմի համար այդ նոր գործը սուլելն էր, որ սովորել էր մի ծանոթ նեգրից և վաղուց ի վեր առիթ էր որոնում այդ արվեստը ցուցադրել՝ առանց որևէ մեկի միջամտության։ Նեգրը սուլում էր թռչունի պես։ Կարճ դադարներով մի գեղգեղանք էր այդ, որի համար անհրաժեշտ էր լեզուն հաճախակի կպցնել քիմքին։ Ընթերցողը, հավանաբար կհիշի, թե ինչպես է այդ արվում, եթե միայն երբևէ նա եղել է Թոմի տարիքին։ Համառությունն ու ջանքերը Թոմին օգնեցին, որ նա շատ շուտ կարողանա տիրապետել սուլելու վարպետությանը։ Նա ուրախ քայլում էր փողոցով, և նրա բերանը լի էր քաղցր երաժշտությամբ, իսկ հոգին՝ անհուն գոհունակությամբ։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում մի նոր մոլորակ հայտնագործած | + | Չանցած երկու րոպե (գուցե ավելի շատ) Թոմի գլխից թռան բոլոր անախորժությունները։ Պատճառն այն չէր, որ նույնիսկ մեծերին տանջող անախորժությունները Թոմի համար ավելի թեթև էին ու տանելի, այլ այն, որ այդ պահին Թոմին համակեց մի նոր ու զորեղ ցանկություն, և այդ ցանկությունը նրա գլխից դուրս քշեց բոլոր տագնապները։ Նույն կերպ էլ մեծերն են ընդունակ մոռանալ իրենց բոլոր վշտերը, հենց որ նրանց հրապուրում է որևէ նոր գործ։ Թոմի համար այդ նոր գործը սուլելն էր, որ սովորել էր մի ծանոթ նեգրից և վաղուց ի վեր առիթ էր որոնում այդ արվեստը ցուցադրել՝ առանց որևէ մեկի միջամտության։ Նեգրը սուլում էր թռչունի պես։ Կարճ դադարներով մի գեղգեղանք էր այդ, որի համար անհրաժեշտ էր լեզուն հաճախակի կպցնել քիմքին։ Ընթերցողը, հավանաբար կհիշի, թե ինչպես է այդ արվում, եթե միայն երբևէ նա եղել է Թոմի տարիքին։ Համառությունն ու ջանքերը Թոմին օգնեցին, որ նա շատ շուտ կարողանա տիրապետել սուլելու վարպետությանը։ Նա ուրախ քայլում էր փողոցով, և նրա բերանը լի էր քաղցր երաժշտությամբ, իսկ հոգին՝ անհուն գոհունակությամբ։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում մի նոր մոլորակ հայտնագործած աստղաբաշխ, միայն թե տղայի ուրախությունն ավելի անմիջական էր, ավելի անկեղծ ու խոր։ |
Ամռան երեկոները երկար են լինում։ Չորս կողմը դեռ լույս էր։ Հանկարծ Թոմը դադարեց սուլել։ Նրա առաջ կանգնած էր իրենից մի քիչ մեծ ինչ֊որ անծանոթ տղա։ Սենտ֊Պիտերսբուրգի բնակիչների ուշադրությունը միշտ էլ գրավում էր որևէ նորեկի հայտնվելը այդ փոքրիկ քաղաքում, անկախ անծանոթի տարիքից և սեռից։ Բացի դրանից, անծանոթ տղան շատ լավ էր հագնված, այն էլ այդ լի օրը։ Դա ցնցող բան էր։ Հրաշալի գլխարկ, խնամքով կոճկած կապույտ բաճկոն, որը նոր էր ու շատ մաքուր, և նույնպիսի տաբատ։ Նա հրաշալի կոշիկներ էր հագել, այն էլ ուրբաթ օրը։ Տղան նույնիսկ փողկապ էր կապել։ Եվ ընդհանրապես քաղաքային պճնամոլի տեսք ուներ։ Դա կատաղեցրեց Թոմին։ Որքան Թոմը նայում էր նրա հրաշք֊հագուստներին, այնքան հին ու մաշված էին թվում սեփական հագուստները, այնքան նա ցցում էր քիթը, կամենալով հասկացնել, որ իր համար անտանելի են այդ զիզի֊բիզի շորերը։ Տղաները լուռ նայում էին իրար։ Բավական էր, որ մեկը մի քայլ աներ, նույնը կրկնում էր նաև մյուսը, բայց միայն մի կողմի վրա, աստիճանաբար պտտվելով։ Դեմքը դեմքին մոտեցրած, իրար աչքերի մեջ նայելով, նրանք այդպես պտտվեցին բավական երկար ժամանակ։ Վերջապես Թոմն ասաց․ | Ամռան երեկոները երկար են լինում։ Չորս կողմը դեռ լույս էր։ Հանկարծ Թոմը դադարեց սուլել։ Նրա առաջ կանգնած էր իրենից մի քիչ մեծ ինչ֊որ անծանոթ տղա։ Սենտ֊Պիտերսբուրգի բնակիչների ուշադրությունը միշտ էլ գրավում էր որևէ նորեկի հայտնվելը այդ փոքրիկ քաղաքում, անկախ անծանոթի տարիքից և սեռից։ Բացի դրանից, անծանոթ տղան շատ լավ էր հագնված, այն էլ այդ լի օրը։ Դա ցնցող բան էր։ Հրաշալի գլխարկ, խնամքով կոճկած կապույտ բաճկոն, որը նոր էր ու շատ մաքուր, և նույնպիսի տաբատ։ Նա հրաշալի կոշիկներ էր հագել, այն էլ ուրբաթ օրը։ Տղան նույնիսկ փողկապ էր կապել։ Եվ ընդհանրապես քաղաքային պճնամոլի տեսք ուներ։ Դա կատաղեցրեց Թոմին։ Որքան Թոմը նայում էր նրա հրաշք֊հագուստներին, այնքան հին ու մաշված էին թվում սեփական հագուստները, այնքան նա ցցում էր քիթը, կամենալով հասկացնել, որ իր համար անտանելի են այդ զիզի֊բիզի շորերը։ Տղաները լուռ նայում էին իրար։ Բավական էր, որ մեկը մի քայլ աներ, նույնը կրկնում էր նաև մյուսը, բայց միայն մի կողմի վրա, աստիճանաբար պտտվելով։ Դեմքը դեմքին մոտեցրած, իրար աչքերի մեջ նայելով, նրանք այդպես պտտվեցին բավական երկար ժամանակ։ Վերջապես Թոմն ասաց․ | ||
Տող 150. | Տող 150. | ||
― Ես ցույց կտամ՝ իմ ինչ գործն է։ | ― Ես ցույց կտամ՝ իմ ինչ գործն է։ | ||
− | ― Ցույց տուր։ | + | ― Ցույց տուր։ Ինչու՞ ես կանգնել։ |
― Եթե երկու խոսք էլ ասես, ցույց կտամ։ | ― Եթե երկու խոսք էլ ասես, ցույց կտամ։ | ||
Տող 238. | Տող 238. | ||
― Այս քեզ մի լավ դաս։ Մյուս անգամ իմացիր, թե ում հետ գործ ունես։ | ― Այս քեզ մի լավ դաս։ Մյուս անգամ իմացիր, թե ում հետ գործ ունես։ | ||
− | Անծանոթ տղան հեռացավ, շորերը թափ տալով, հեծկլտալով, քիթը վեր քաշելով ու ժամանակ առ ժամանակ շրջվելով, գլուխն օրորելով և սպառնալով Թոմին թե՝ «Մյուս անգամ կբռնեմ | + | Անծանոթ տղան հեռացավ, շորերը թափ տալով, հեծկլտալով, քիթը վեր քաշելով ու ժամանակ առ ժամանակ շրջվելով, գլուխն օրորելով և սպառնալով Թոմին թե՝ «Մյուս անգամ կբռնեմ չէ․․․ հախիցդ կգամ»։ Թոմը ինչպես պետք էր ծաղրեց նրան և իր հաղթանակից փքված, տուն գնաց։ Բայց հազիվ էր Թոմը շրջվել, երբ անծանոթ տղան քարով հարվածեց նրա մեջքին, թիակների արանքը և շտապեց փախչել անտիլոպից էլ արագ։ Թոմը ընկավ այդ դավաճանի հետևից մինչև տուն և այդպիսով իմացավ, թե որտեղ է նա ապրում։ Թոմը մի քիչ կանգնեց բակի դռան առաջ, թշնամուն մարտի կանչելով, բայց նա պատուհանից միայն ծամածռություններ էր անում, իսկ դուրս գալու միտք չուներ։ Ի վերջո հայտնվեց թշնամու մայրիկը, Թոմին անվանեց «վատ, փչացած, կոպիտ» և պահանջեց, որ նա կորչի, ուր ուզում է։ Թոմը հեռացավ, բայց հեռանալիս սպառնաց, որ ինքը մոտերքում կթափառի այնքան, մինչև նրա բալիկը տնից դուրս գա։ |
Նա շատ ուշ տուն վերադարձավ և, զգուշորեն պատուհանից ներս սողոսկելով, նկատեց, որ ծուղակի մեջ է ընկել․ նրա առաջ կանգնած էր մորաքույրը։ Ու երբ մորաքույր Պոլին տեսավ, թե Թոմի շորերը ինչ ողբալի վիճակում են, նրա այն որոշումը, որ տղայի տոնական օրը վերածելու է տաժանակիր աշխատանքի, ադամանդի պես կարծրացավ։ | Նա շատ ուշ տուն վերադարձավ և, զգուշորեն պատուհանից ներս սողոսկելով, նկատեց, որ ծուղակի մեջ է ընկել․ նրա առաջ կանգնած էր մորաքույրը։ Ու երբ մորաքույր Պոլին տեսավ, թե Թոմի շորերը ինչ ողբալի վիճակում են, նրա այն որոշումը, որ տղայի տոնական օրը վերածելու է տաժանակիր աշխատանքի, ադամանդի պես կարծրացավ։ | ||
Տող 245. | Տող 245. | ||
− | Բացվեց շաբաթ օրվա առավոտը։ Ամառային աշխարհում ամեն ինչ շնչում էր թարմությամբ, շողշողում էր և կյանքով եռում։ Ամեն սրտում երաժշտություն էր հնչում, իսկ դա երիտասարդի սիրտ էր, ապա երգը հոսում էր ինքն իրեն։ Բերկրանք կար ամեն դեմքի վրա, և գարուն՝ ամեն մեկի քայլվածքում։ | + | Բացվեց շաբաթ օրվա առավոտը։ Ամառային աշխարհում ամեն ինչ շնչում էր թարմությամբ, շողշողում էր և կյանքով եռում։ Ամեն սրտում երաժշտություն էր հնչում, իսկ դա երիտասարդի սիրտ էր, ապա երգը հոսում էր ինքն իրեն։ Բերկրանք կար ամեն դեմքի վրա, և գարուն՝ ամեն մեկի քայլվածքում։ Սպիտակ ակացիան փարթամորեն ծաղկել էր, և օդում ծփում էր անուշահոտությունը։ |
− | Կարդիփյան լեռը, որն ամեն տեղից երևում էր, ամբողջովին կանաչել էր և հեռվից թվում էր խաղաղությամբ ու | + | Կարդիփյան լեռը, որն ամեն տեղից երևում էր, ամբողջովին կանաչել էր և հեռվից թվում էր խաղաղությամբ ու անդորրությամբ լի մի հրաշալի, հրապուրիչ երկիր։ |
− | Մայթին հայտնվեց Թոմը, մի ձեռքին՝ կրով լի դույլ, մյուս ձեռքին՝ մի երկար վրձին։ Տղան նայեց ցանկապատին, և նրա սրտից դուրս թռավ ամեն մի ուրախություն։ Խոր թախիծ իջավ տղայի հոգուն։ | + | Մայթին հայտնվեց Թոմը, մի ձեռքին՝ կրով լի դույլ, մյուս ձեռքին՝ մի երկար վրձին։ Տղան նայեց ցանկապատին, և նրա սրտից դուրս թռավ ամեն մի ուրախություն։ Խոր թախիծ իջավ տղայի հոգուն։ Ինը ոտնաչափ բարձրություն և երեսուն յարդ երկարություն ունեցող մի ցանկապատ։ Կյանքը նրան անիմաստ, հիմար բան թվաց, գոյությունը՝ բեռ։ Հառաչելով նա վրձինը թաթախեց կրի մեջ և քսեց վերևի տախտակին։ Նորից մի քանի անգամ քսեց, ապա սպիտակ գույնով ներկված այդ աննշան մասը համեմատեց չներկված տախտակների հետ և հուսահատ նստեց տակառի վրա։ Ջրի թիթեղե դույլը ձեռքին, «Բուֆֆալոյի աղջկերք»֊ը երգելով դարպասից դուրս եկավ Ջիմը։ Քաղաքային ջրամբարից ջուր բերելը մինչ այդ Թոմի համար ատելի աշխատանք էր եղել, բայց այժմ դա այնքան էլ վատ չթվաց։ Նա հիշեց, որ ջրհորի մոտ միշտ մեծ բազմություն է հավաքվում։ Այնտեղ միշտ լինում էին սպիտակ, խառնածին ու նեգր տղաներ ու աղջիկներ, որոնք իրենց հերթին սպասելով, հանգստանում էին, խաղալիքների առևտուր անում, կատակում, կռվում, թեթևսոլիկություններ անում։ Եվ նա հիշեց, որ թեև ջրհորը հազիվ հարյուր հիսուն յարդ հեռավորության վրա էր, բայց Ջիմը մի դույլ ջուրը երբեք մի ժամից շուտ չէր բերում, երբեմն նույնիսկ պետք էր լինում նրա հետևից գնալ ու կանչել։ |
― Լսիր, Ջիմ, ― ասաց Թոմը, ― ես ջուրը կբերեմ, եթե դու իմ փոխարեն մի քիչ սպիտակեցնես։ | ― Լսիր, Ջիմ, ― ասաց Թոմը, ― ես ջուրը կբերեմ, եթե դու իմ փոխարեն մի քիչ սպիտակեցնես։ | ||
Տող 257. | Տող 257. | ||
― Չեմ կարող միստեր Թոմ։ Ծեր տիկինն ինձ ասել է ջուրը բերել առանց կանգ առնելու և որևէ մեկի հետ խոսելու։ Նա ասաց․ «Ենթադրում եմ, որ միստր Թոմը քեզ կառաջարկի ցանկապատն սպիտակեցնել» ֊ և ասաց․ «Դու քո ճամփան շարունակիր և գործիդ նայիր»։ Նա ասաց․ «Ես կգամ ու նրա սպիտակեցնելուն կնայեմ»։ | ― Չեմ կարող միստեր Թոմ։ Ծեր տիկինն ինձ ասել է ջուրը բերել առանց կանգ առնելու և որևէ մեկի հետ խոսելու։ Նա ասաց․ «Ենթադրում եմ, որ միստր Թոմը քեզ կառաջարկի ցանկապատն սպիտակեցնել» ֊ և ասաց․ «Դու քո ճամփան շարունակիր և գործիդ նայիր»։ Նա ասաց․ «Ես կգամ ու նրա սպիտակեցնելուն կնայեմ»։ | ||
− | ― Է, նրա ասածին ուշադրություն մի դարձրու, Ջիմ։ Նա միշտ այդպես է ասում։ Տուր ինձ դույլը, ես մի | + | ― Է, նրա ասածին ուշադրություն մի դարձրու, Ջիմ։ Նա միշտ այդպես է ասում։ Տուր ինձ դույլը, ես մի վայրկյանից կգամ։ Նա իսկի չի էլ իմանա։ |
― Օ՛հ, չեմ կարող, միստր Թոմ։ Ծեր տիկինը դրա համար գլուխս կթռցնի, հավատա, կթռցնի։ | ― Օ՛հ, չեմ կարող, միստր Թոմ։ Ծեր տիկինը դրա համար գլուխս կթռցնի, հավատա, կթռցնի։ | ||
Տող 267. | Տող 267. | ||
― Սպիտակ գնդիկը, Ջիմ, դատարկ բան չէ։ | ― Սպիտակ գնդիկը, Ջիմ, դատարկ բան չէ։ | ||
− | + | ― Ո՜ւյ, հրաշալի բան է, ճիշտ է, բայց, միստր Թոմ, ես սարսափելի վախենում եմ ծեր տիկնոջից։ | |
― Եվ բացի դրանից, եթե ուզում ես, ցույց կտամ նաև իմ ոտքի վիրավոր մատը։ | ― Եվ բացի դրանից, եթե ուզում ես, ցույց կտամ նաև իմ ոտքի վիրավոր մատը։ | ||
Տող 273. | Տող 273. | ||
Ջիմը պարզապես մարդ էր և այդ մեծ գայթակղությանը չէր կարող դիմանալ։ Նա դույլը դրեց գետին, վերցրեց սպիտակ գնդիկը և մեծ հետաքրքրությամբ սկսեց նայել, մինչ Թոմը քանդում էր վիրավոր մատի կապը։ Մի րոպե հետո դույլը ձեռքին Ջիմը արդեն վազում էր փողոցով։ Թոմը մեծ եռանդով սպիտակեցնում էր ցանկապատը, իսկ մորաքույր Պոլին հեռանում էր հողաթափը ձեռքին և հաղթական արտահայտությունը աչքերում։ | Ջիմը պարզապես մարդ էր և այդ մեծ գայթակղությանը չէր կարող դիմանալ։ Նա դույլը դրեց գետին, վերցրեց սպիտակ գնդիկը և մեծ հետաքրքրությամբ սկսեց նայել, մինչ Թոմը քանդում էր վիրավոր մատի կապը։ Մի րոպե հետո դույլը ձեռքին Ջիմը արդեն վազում էր փողոցով։ Թոմը մեծ եռանդով սպիտակեցնում էր ցանկապատը, իսկ մորաքույր Պոլին հեռանում էր հողաթափը ձեռքին և հաղթական արտահայտությունը աչքերում։ | ||
− | Բայց Թոմի եռանդը երկար չտևեց։ Նա սկսեց մտածել այդ օրվա համար իր ծրագրած ուրախությունների մասին, և ցավերը բազմապատկվեցին։ Շուտով տղաները կգնան տարբեր հետաքրքիր տեղեր և աշխարհով մեկ Թոմին կծաղրեն, որ ստիպված է եղել աշխատել։ Այդ միտքը կրակի պես այրում էր նրան։ Նա հանեց իր բոլոր աշխարհիկ գանձերը և սկսեց նայել․ դրանց մեջ կային ջարդված խաղալիքներ, մարմարե գնդիկներ և ամեն տեսակի իրեր։ Դրանք բավական էին փոխանակելու համար, բայց չէր կարելի գոնե կես ժամվա լրիվ ազատություն գնել։ Նա գրպանը դրեց իր աղքատիկ հարստությունը և հրաժարվեց տղաներին կաշառելու մտքից։ Այդ ծանր ու անհուսալի պահին նրա մեջ հանկարծ ոգևորություն ծնվեց։ Մի մեծ, հրաշալի ներշնչանք։ Նա վերցրեց վրձինը և սկսեց հանգիստ աշխատել։ Այդ պահին | + | Բայց Թոմի եռանդը երկար չտևեց։ Նա սկսեց մտածել այդ օրվա համար իր ծրագրած ուրախությունների մասին, և ցավերը բազմապատկվեցին։ Շուտով տղաները կգնան տարբեր հետաքրքիր տեղեր և աշխարհով մեկ Թոմին կծաղրեն, որ ստիպված է եղել աշխատել։ Այդ միտքը կրակի պես այրում էր նրան։ Նա հանեց իր բոլոր աշխարհիկ գանձերը և սկսեց նայել․ դրանց մեջ կային ջարդված խաղալիքներ, մարմարե գնդիկներ և ամեն տեսակի իրեր։ Դրանք բավական էին փոխանակելու համար, բայց չէր կարելի գոնե կես ժամվա լրիվ ազատություն գնել։ Նա գրպանը դրեց իր աղքատիկ հարստությունը և հրաժարվեց տղաներին կաշառելու մտքից։ Այդ ծանր ու անհուսալի պահին նրա մեջ հանկարծ ոգևորություն ծնվեց։ Մի մեծ, հրաշալի ներշնչանք։ Նա վերցրեց վրձինը և սկսեց հանգիստ աշխատել։ Այդ պահին երևաց Բեն Ռոջերսը, հենց այն տղան, որի ծաղրանքներից Թոմը բոլորից շատ էր վախենում։ Բենը ոչ թե քայլում, այլ թռչկոտում էր, ի ապացույց, այն բանի, որ սիրտը թեթև էր և մեծ հեռանկարներ ուներ այդ օրը։ Նա խնձոր էր ուտում և ժամանակ առ ժամանակ երկար, մելոդիկ սուլում, որին հաջորդում էր ցածր տինկ֊ տանկ֊տանկ, տինկ֊տունկ֊տունկ֊ը, որովհետև նա իրեն շոգենավ էր պատկերացնում։ Մոտենալով, նա քայլերը հանդարտեցրեց, կանգնեց փողոցի մեջտեղում և սկսեց կամաց, զգուշությամբ ու նկատելի ճիգով շուռ գալ, որովհետև այդ պահին նա «Մեծ Միսուրին» էր, ինը ոտնաչափ խորությամբ ջրի մեջ նստած։ Նա միաժամանակ և՛ նավ էր, և՛ նավապետ և՛ ազդանշանի զանգ․ այնպես որ նա իրեն պետք է պատկերացներ սեփական տախտակամածի վրա կանգնած, ինքն իրեն հրամաններ արձակելիս և կատարելիս։ |
― Կա՛նգ առ։ Տինկ֊ալին֊լին։ | ― Կա՛նգ առ։ Տինկ֊ալին֊լին։ | ||
Տող 348. | Տող 348. | ||
Որոշ ժամանակ էլ Թոմը մտածեց այդ փոփոխության մասին, որը կատարվել էր իր հետ, ապա հարստությունը վերցրեց և ուղղվեց դեպի տուն։ | Որոշ ժամանակ էլ Թոմը մտածեց այդ փոփոխության մասին, որը կատարվել էր իր հետ, ապա հարստությունը վերցրեց և ուղղվեց դեպի տուն։ | ||
− | |||
==Գլուխ III== | ==Գլուխ III== | ||
Տող 399. | Տող 398. | ||
Հետո խիղճը տանջեց մորաքրոջը։ Նա ուզում էր մի սիրալիր ու քաղցր բան ասել, բայց մտածեց, որ Թոմը կկարծի, թե նա իրեն մեղավոր է համարում, իսկ դա անկարգություն կլիներ։ Այնպես որ նա գերադասեց լռել և իր գործը շարունակեց տխուր սրտով։ Թոմը վիրավորված՝ մի անկյուն քաշվեց։ Նա գիտեր, որ սրտի խորքում մորաքույրը իր առաջ ծունկի էր գալիս, և այդ գիտակցությունը տղային բավականություն էր պատճառում։ Նա ձևացնում էր, թե այդ բոլորը չի տեսնում։ Գիտեր, որ հաճախ ներողություն խնդրող արցունքոտ հայացքներ են ընկնում իր վրա, բայց նա չէր ուզում նկատել դրանք։ Նա իրեն պատկերացրեց մահամերձ հիվանդ և մորաքույրը իր վրա կռացած, ներման խոսքի սպասելիս․ բայց ինքը դեմքը դեպի պատն է շուռ տալիս և մեռնում է այդ խոսքը չասած։ Այն ժամանակ մորաքույրը ինչպե՞ս կզգար իրեն։ Նա պատկերացրեց, թե ինչպես իրեն խեղդված հանում են գետից ու տուն բերում, մազերը թրջված, փոքրիկ ձեռքերը առհավետ անշարժ և հիվանդ սիրտը՝ հանգստացած։ Մորաքույրն ինչպես կընկնի իր դիակի վրա, և ինչ արցունքներ կհոսեն անձրևի պես։ Նրա շրթունքները կաղոթեն աստծուն, որ իր տղային վերադարձնի, և կխոստանա այլևս երբեք, երբեք չնախատել նրան։ Բայց ինքը պառկած կմնա՝ սառը և գունատ, առանց կենդանության նշան ցույց տալու։ Խեղճ փոքրիկ տառապյալ, որի տանջանքներն իրենց վախճանին են հասել։ | Հետո խիղճը տանջեց մորաքրոջը։ Նա ուզում էր մի սիրալիր ու քաղցր բան ասել, բայց մտածեց, որ Թոմը կկարծի, թե նա իրեն մեղավոր է համարում, իսկ դա անկարգություն կլիներ։ Այնպես որ նա գերադասեց լռել և իր գործը շարունակեց տխուր սրտով։ Թոմը վիրավորված՝ մի անկյուն քաշվեց։ Նա գիտեր, որ սրտի խորքում մորաքույրը իր առաջ ծունկի էր գալիս, և այդ գիտակցությունը տղային բավականություն էր պատճառում։ Նա ձևացնում էր, թե այդ բոլորը չի տեսնում։ Գիտեր, որ հաճախ ներողություն խնդրող արցունքոտ հայացքներ են ընկնում իր վրա, բայց նա չէր ուզում նկատել դրանք։ Նա իրեն պատկերացրեց մահամերձ հիվանդ և մորաքույրը իր վրա կռացած, ներման խոսքի սպասելիս․ բայց ինքը դեմքը դեպի պատն է շուռ տալիս և մեռնում է այդ խոսքը չասած։ Այն ժամանակ մորաքույրը ինչպե՞ս կզգար իրեն։ Նա պատկերացրեց, թե ինչպես իրեն խեղդված հանում են գետից ու տուն բերում, մազերը թրջված, փոքրիկ ձեռքերը առհավետ անշարժ և հիվանդ սիրտը՝ հանգստացած։ Մորաքույրն ինչպես կընկնի իր դիակի վրա, և ինչ արցունքներ կհոսեն անձրևի պես։ Նրա շրթունքները կաղոթեն աստծուն, որ իր տղային վերադարձնի, և կխոստանա այլևս երբեք, երբեք չնախատել նրան։ Բայց ինքը պառկած կմնա՝ սառը և գունատ, առանց կենդանության նշան ցույց տալու։ Խեղճ փոքրիկ տառապյալ, որի տանջանքներն իրենց վախճանին են հասել։ | ||
− | Նա այս երևակայական պատկերներից այնքան հուզվեց, որ սկսեց հեկեկալ, աչքերը լցվեցին, և արցունքները քթի ծայրից ցած հոսեցին։ Թոմին այնքան հաճելի էին իր վշտի համար թափած այդ արցունքները, որ նա չէր ցանկանա աշխարհիկ որևէ ուրախություն խառնվեր դրան։ Այդ արցունքները սուրբ էին նրա համար։ Այդ պատճառով էլ, երբ իր ազգականուհի Մերին պարելով ներս մտավ, ուրախ, որ երկարատև բացակայութնունից հետո գյուղից տուն էր վերադարնում, թեև այնտեղ մնացել էր ընդամենը մի շաբաթ, Թոմը տխուր ու մռայլ վեր կացավ և մի դռնից դուրս եկավ այն ժամանակ, երբ մյուս դռնից ներս մտավ Մերին՝ իր հետ բերելով երգ ու արև։ Նա երկար թափառեց, աշխատելով հեռու մնալ այն փողոցից, որտեղ տղաները ընդհանրապես հավաքվում էին և որոնեց մռայլ տեղեր, որոնք համապատասխանում էին նրա տրամադրությանը։ Գետի մեջ մի լաստ կար, որն ասես հրավիրում էր նրան։ Նա նստեց լաստի ծայրին և մտքով խորասուզվեց գետի տխուր անհունության մեջ։ Նա մի պահ միայն ցանկացավ խեղդվել՝ միանգամից, առանց այդ բանը գիտակցելու, առանց անցնելու բնության տված դժվարին ու անսովոր ուղին։ Բայց անմիջապես հիշեց իր ծաղիկը։ Գրպանից հանեց այդ ծաղիկը, որը ճմրթվել և թոշնել էր, և դա ավելի սաստկացրեց նրա վիշտը։ Եվ Թոմը սկսեց մտածել, թե արդյոք նա կխղճա՞ր իրեն, եթե իմանար։ Կարտասվե՞ր արդյոք, կգրկե՞ր և կհանգստացնե՞ր իրեն, թե սառնասրտորեն շուռ կգար, ինչպես ամբողջ դատարկ աշխարհը։ Այս պատկերը Թոմին այնպիսի հաճելի տառապանք պատճառեց, որ նա մտովի սկսեց պատկերացնել տարբեր ձևերով, մինչև հոգնեց։ | + | Նա այս երևակայական պատկերներից այնքան հուզվեց, որ սկսեց հեկեկալ, աչքերը լցվեցին, և արցունքները քթի ծայրից ցած հոսեցին։ Թոմին այնքան հաճելի էին իր վշտի համար թափած այդ արցունքները, որ նա չէր ցանկանա աշխարհիկ որևէ ուրախություն խառնվեր դրան։ Այդ արցունքները սուրբ էին նրա համար։ Այդ պատճառով էլ, երբ իր ազգականուհի Մերին պարելով ներս մտավ, ուրախ, որ երկարատև բացակայութնունից հետո գյուղից տուն էր վերադարնում, թեև այնտեղ մնացել էր ընդամենը մի շաբաթ, Թոմը տխուր ու մռայլ վեր կացավ և մի դռնից դուրս եկավ այն ժամանակ, երբ մյուս դռնից ներս մտավ Մերին՝ իր հետ բերելով երգ ու արև։ Նա երկար թափառեց, աշխատելով հեռու մնալ այն փողոցից, որտեղ տղաները ընդհանրապես հավաքվում էին և որոնեց մռայլ տեղեր, որոնք համապատասխանում էին նրա տրամադրությանը։ Գետի մեջ մի լաստ կար, որն ասես հրավիրում էր նրան։ Նա նստեց լաստի ծայրին և մտքով խորասուզվեց գետի տխուր անհունության մեջ։ Նա մի պահ միայն ցանկացավ խեղդվել՝ միանգամից, առանց այդ բանը գիտակցելու, առանց անցնելու բնության տված դժվարին ու անսովոր ուղին։ Բայց անմիջապես հիշեց իր ծաղիկը։ Գրպանից հանեց այդ ծաղիկը, որը ճմրթվել և թոշնել էր, և դա ավելի սաստկացրեց նրա վիշտը։ Եվ Թոմը սկսեց մտածել, թե արդյոք նա կխղճա՞ր իրեն, եթե իմանար։ Կարտասվե՞ր արդյոք, կգրկե՞ր և կհանգստացնե՞ր իրեն, թե սառնասրտորեն շուռ կգար, ինչպես ամբողջ դատարկ աշխարհը։ Այս պատկերը Թոմին այնպիսի հաճելի տառապանք պատճառեց, որ նա մտովի սկսեց պատկերացնել տարբեր ձևերով, մինչև հոգնեց։ Ի վերջո, հոգոց հանելով, վեր կացավ և մթության մեջ հեռացավ։ |
Ժամը ինն անց կեսին, տասի մոտերքը նա հասավ այն փողոցը, որտեղ ապրում էր իր պաշտելի անծանոթը։ Մի պահ սպասեց․ ամբողջովին լսողություն դարձած նրա ականջին ոչ մի ձայն չհասավ։ Երկրորդ հարկի մեծ պատուհանի վարագույրի հետևից մոմի մի աղոտ լույս էր առկայծում։ Այստե՞ղ էր արդյոք սուրբ ներկայությունը։ Նա մագլցեց ցանկապատը, գողի պես անցավ կանաչների ու ծաղիկների միջով, մինչև հասավ այդ լուսամուտի տակ։ Երկար ժամանակ ու հուզումով վեր նայելուց հետո նա պառկեց մեջքի վրա՝ կրծքին պահելով ճմրթված ծաղիկը։ Նա այդպես էլ պիտի մահանա․ բացօթյա, սառը աշխարհում, իր անտուն գլխի վրա ապաստան չունենալով, չունենալով գոնե մտերմիկ մի ձեռք, որ մահվան քրտինքը ճակատից սրբի, չունենալով սիրող մի դեմք, որ խղճալով խոնարհվի իր վրա, երբ վերջին պահը գա։ Կգա երջանիկ առավոտը, և աղջիկը կտեսնի նրա անշունչ դիակը։ Արդյոք մի կաթիլ արցունք կցողե՞ր իր անշունչ մարմնի վրա, պիտի մի փոքր հոգոց հանե՞ր, տեսնելով մի երիտասարդ, փայլուն կյանք այդպես անգթորեն խամրած, այդպես անժամանակ խորտակված։ | Ժամը ինն անց կեսին, տասի մոտերքը նա հասավ այն փողոցը, որտեղ ապրում էր իր պաշտելի անծանոթը։ Մի պահ սպասեց․ ամբողջովին լսողություն դարձած նրա ականջին ոչ մի ձայն չհասավ։ Երկրորդ հարկի մեծ պատուհանի վարագույրի հետևից մոմի մի աղոտ լույս էր առկայծում։ Այստե՞ղ էր արդյոք սուրբ ներկայությունը։ Նա մագլցեց ցանկապատը, գողի պես անցավ կանաչների ու ծաղիկների միջով, մինչև հասավ այդ լուսամուտի տակ։ Երկար ժամանակ ու հուզումով վեր նայելուց հետո նա պառկեց մեջքի վրա՝ կրծքին պահելով ճմրթված ծաղիկը։ Նա այդպես էլ պիտի մահանա․ բացօթյա, սառը աշխարհում, իր անտուն գլխի վրա ապաստան չունենալով, չունենալով գոնե մտերմիկ մի ձեռք, որ մահվան քրտինքը ճակատից սրբի, չունենալով սիրող մի դեմք, որ խղճալով խոնարհվի իր վրա, երբ վերջին պահը գա։ Կգա երջանիկ առավոտը, և աղջիկը կտեսնի նրա անշունչ դիակը։ Արդյոք մի կաթիլ արցունք կցողե՞ր իր անշունչ մարմնի վրա, պիտի մի փոքր հոգոց հանե՞ր, տեսնելով մի երիտասարդ, փայլուն կյանք այդպես անգթորեն խամրած, այդպես անժամանակ խորտակված։ | ||
Տող 413. | Տող 412. | ||
− | Արևը ծագեց խաղաղ երկրի վրա և | + | Արևը ծագեց խաղաղ երկրի վրա և անդորրը գյուղաքաղաքի վերևում շողշողաց որպես օրհնություն։ Նախաճաշից հետո մորաքույր Պոլին բոլորին հավաքեց ընտանեկան աղոթքի։ Աղոթքը սկսվեց Սուրբ գրքից ընտրված հատվածներով, որոնք իրար էին կապված ինքնահնար խոսքերի բարակ շաղախով։ Այդ բոլորի վրա նա արտասանեց Մովսեսյան օրենքի մի խրթին գլուխ, կարծես Սինա լեռան վրա լիներ։ |
Դրանից հետո Թոմը պատրաստվեց և, այսպես ասած, սկսեց Աստվածաշնչից իր համար նշանակված հատվածները սովորել։ Սիդը օրեր առաջ սովորել էր իր դասը։ Թոմը լարեց իր բոլոր ուժերը հինգ տուն անգիր անելու համար․ նա ընտրեց Լեռան Աղոթքի մի մասը, որովհետև ավելի կարճ տներ չէր գտնում։ Կես ժամ հետո Թոմը տարտամ ու աղոտ գաղափար միայն ուներ իր սերտածի մասին, որովհետև մինչ նրա ուղեղը ճանապարհորդում էր մարդկային մտածողության ընդարձակ դաշտում, ձեռքերը զբաղված էին ուշադրությունը շեղող բաներով։ Մերին վերցրեց գիրքը ստուգելու համար, իսկ Թոմը փորձեց ինչ֊որ կերպ դուրս գալ մշուշի միջից։ | Դրանից հետո Թոմը պատրաստվեց և, այսպես ասած, սկսեց Աստվածաշնչից իր համար նշանակված հատվածները սովորել։ Սիդը օրեր առաջ սովորել էր իր դասը։ Թոմը լարեց իր բոլոր ուժերը հինգ տուն անգիր անելու համար․ նա ընտրեց Լեռան Աղոթքի մի մասը, որովհետև ավելի կարճ տներ չէր գտնում։ Կես ժամ հետո Թոմը տարտամ ու աղոտ գաղափար միայն ուներ իր սերտածի մասին, որովհետև մինչ նրա ուղեղը ճանապարհորդում էր մարդկային մտածողության ընդարձակ դաշտում, ձեռքերը զբաղված էին ուշադրությունը շեղող բաներով։ Մերին վերցրեց գիրքը ստուգելու համար, իսկ Թոմը փորձեց ինչ֊որ կերպ դուրս գալ մշուշի միջից։ | ||
Տող 443. | Տող 442. | ||
― Հա, պիտի։ Որովհետև նրանք պիտի․․․ պիտի․․․ ի․ ի․ ի․․․ տանջվեն․․․ ը․․․ ը․․․ Երանի նրանց, որ պիտի․․․ որ պիտի․․․ պիտի տանջվեն, որովհետև նրանք պիտի․․․ պիտի ի՞նչ։ Ինչու՞ չես ասում, Մերի։ Ւնչու՞ ես ինձ ծաղրում։ | ― Հա, պիտի։ Որովհետև նրանք պիտի․․․ պիտի․․․ ի․ ի․ ի․․․ տանջվեն․․․ ը․․․ ը․․․ Երանի նրանց, որ պիտի․․․ որ պիտի․․․ պիտի տանջվեն, որովհետև նրանք պիտի․․․ պիտի ի՞նչ։ Ինչու՞ չես ասում, Մերի։ Ւնչու՞ ես ինձ ծաղրում։ | ||
− | Է՜հ, Թոմ, հաստագլուխ խենթուկ, ես քեզ չեմ ծաղրում։ Չեմ էլ մտածում ծաղրել։ Պարզապես պետք է դասդ նորից սովորես։ Մի հուսահատվիր, Թոմ, դու կկարողանաս սովորել, և երբ անգիր անես, ես քեզ մի այնպիսի լավ բան կտա՜մ։ Դե, սկսիր, դու շատ լավ տղա ես։ | + | ― Է՜հ, Թոմ, հաստագլուխ խենթուկ, ես քեզ չեմ ծաղրում։ Չեմ էլ մտածում ծաղրել։ Պարզապես պետք է դասդ նորից սովորես։ Մի հուսահատվիր, Թոմ, դու կկարողանաս սովորել, և երբ անգիր անես, ես քեզ մի այնպիսի լավ բան կտա՜մ։ Դե, սկսիր, դու շատ լավ տղա ես։ |
― Լավ։ Բայց ի՞նչ պիտի տաս։ Մերի, ասա, ի՞նչ։ | ― Լավ։ Բայց ի՞նչ պիտի տաս։ Մերի, ասա, ի՞նչ։ | ||
Տող 459. | Տող 458. | ||
― Չե՞ս ամաչում, Թոմ։ Դու այդքան վատը չպետք է լինես։ Ջուրը քեզ չի վնասի։ | ― Չե՞ս ամաչում, Թոմ։ Դու այդքան վատը չպետք է լինես։ Ջուրը քեզ չի վնասի։ | ||
− | Թոմը մի քիչ շփոթվեց։ Կոնքը նորից լցվեց, և այս անգամ նա կոնքի առաջ մի քիչ կանգնեց՝ վճռականություն հավաքելով։ Նա խոր շնչեց և սկսեց։ Երբ նորից խոհանոց մտավ՝ երկու աչքերը փակ ու ձեռքով սրբիչը փնտրելով, նրա դեմքից օճառաջուր էր թափվում։ Բայց երբ դեմքը դուրս եկավ սրբիչից, գոհացուցիչ վիճակում չէր, որովհետև մաքուր մասը դիմակի նման ծնոտի և երեսի ծայրերին էր հասնում։ Այդ գծից այն կողմ մնում էր չթրջված մի մեծ տարածություն, որ բարձրանում էր ճակատի կողմը և իջնում վզի շուրջը։ Մերին ինքը | + | Թոմը մի քիչ շփոթվեց։ Կոնքը նորից լցվեց, և այս անգամ նա կոնքի առաջ մի քիչ կանգնեց՝ վճռականություն հավաքելով։ Նա խոր շնչեց և սկսեց։ Երբ նորից խոհանոց մտավ՝ երկու աչքերը փակ ու ձեռքով սրբիչը փնտրելով, նրա դեմքից օճառաջուր էր թափվում։ Բայց երբ դեմքը դուրս եկավ սրբիչից, գոհացուցիչ վիճակում չէր, որովհետև մաքուր մասը դիմակի նման ծնոտի և երեսի ծայրերին էր հասնում։ Այդ գծից այն կողմ մնում էր չթրջված մի մեծ տարածություն, որ բարձրանում էր ճակատի կողմը և իջնում վզի շուրջը։ Մերին ինքը զբաղվեց նրան լվանալու գործով, և երբ ավարտել էր, Թոմը դեմքի գույնով նման էր մարդու և եղբոր։ Նրա թաց մազերը սանրված էին, և կարճ գանգուրները համաչափ ու հաճելի տպավորություն էին թողնում։ (Թոմը գաղտնի հարթեցրեց գանգուրները ու մազերը կպցրեց գլխին․ նրա մազերը փափուկ ու կանացի էին և այդ պատճառով նա իրեն դժբախտ էր զգում։) Հետո Մերին պահարանից հանեց նրա այն հագուստները, որոնք երկու տարի է ինչ գործածվում էին միայն կիրակի օրերը և պարզապես կոչվում էին «մյուս հագուստները․ դրանից կարող ենք իմանալ նրա հանդերձարանի հարստությունը։ Հագնվելուց հետո Մերին «կարգի բերեց» նաև նրան․ բաճկոնը կոճկեց մինչև վիզը, շապկի լայն օձիքը դարձրեց դեպի ուսերը, հագուստը խոզանակեց և գլխին դրեց հարդե բծավոր գլխարկը։ Այժմ Թոմը շատ կոկետ, բայց անհանգիստ տեսք ուներ և նա իսկապես անհանգիստ էր, որովհետև մաքրությունն ու այդ հագուստը նեղում էին տղային։ Նա հույս ուներ, որ Մերին կմոռանար կոշիկները, բայց հույսը ի դերև ելավ։ Աղջիկը, ինչպես հարկն էր, ճարպով մի լավ մաքրեց դրանք և բերեց։ Թոմը համբերությունը կորցրեց և ասաց, որ նրան միշտ անել են տալիս այն, ինչ ինքը չի ուզում անել։ Բայց Մերին ասաց համոզիչ տոնով․ |
― Խնդրում եմ, Թոմ, դու խելոք տղա ես։ | ― Խնդրում եմ, Թոմ, դու խելոք տղա ես։ | ||
Տող 481. | Տող 480. | ||
Թոմը ցույց տվեց։ Ընկերը գոհ մնաց, և նրանք փոխանակեցին։ Հետո Թոմը երկու սպիտակ գնդիկը փոխանակեց երեք կարմիր տոմսերի հետ և մի քանի մանր֊մունր բաներ՝ երկու կապույտների հետ։ Նա բռնացրեց նաև ուրիշ տղաների և ավելի քան տասը֊տասնհինգ րոպե շարունակ տարբեր գույնի տոմսեր գնեց։ Նա եկեղեցի մտավ մաքուր և աղմկոտ տղաների ու աղջիկների հետ, մոտեցավ իր աթոռին և սկսեց կռվել առաջին իսկ տղայի հետ։ Ուսուցիչը, մի լուրջ, տաքարյուն մարդ, միջամտեց, բայց երբ նա մի պահ շրջվեց, Թոմը կողքի նստարանից մի տղայի մազերից քաշեց, և երբ սա շուռ եկավ, նա արդեն խորասուզված էր իր գրքի մեջ։ Մի ուրիշ տղայի գնդասեղով ծակեց, որպեսզի լսի նրա «ույ» ասելը․ ուսուցիչը նորից նկատողություն արեց։ | Թոմը ցույց տվեց։ Ընկերը գոհ մնաց, և նրանք փոխանակեցին։ Հետո Թոմը երկու սպիտակ գնդիկը փոխանակեց երեք կարմիր տոմսերի հետ և մի քանի մանր֊մունր բաներ՝ երկու կապույտների հետ։ Նա բռնացրեց նաև ուրիշ տղաների և ավելի քան տասը֊տասնհինգ րոպե շարունակ տարբեր գույնի տոմսեր գնեց։ Նա եկեղեցի մտավ մաքուր և աղմկոտ տղաների ու աղջիկների հետ, մոտեցավ իր աթոռին և սկսեց կռվել առաջին իսկ տղայի հետ։ Ուսուցիչը, մի լուրջ, տաքարյուն մարդ, միջամտեց, բայց երբ նա մի պահ շրջվեց, Թոմը կողքի նստարանից մի տղայի մազերից քաշեց, և երբ սա շուռ եկավ, նա արդեն խորասուզված էր իր գրքի մեջ։ Մի ուրիշ տղայի գնդասեղով ծակեց, որպեսզի լսի նրա «ույ» ասելը․ ուսուցիչը նորից նկատողություն արեց։ | ||
− | Թոմենց դասարանի բոլոր երեխաներն իրար նման էին․ անհանգիտ, աղմկոտ և կռվարար։ Երբ նրանք սկսեցին իրենց դասն արտասանել, նրանցից ոչ մեկն իր անգիրը կատարյալ չգիտեր․ անհրաժեշտ էր բոլորին հուշել։ Ի վերջո, նրանք մի կերպ տակից դուրս եկան, և յուրաքանչյուրը ստացավ իր պարգևը՝ մի կապույտ տոմս, վրան ինչ֊որ խոսքեր Սուրբ գրքից։ Յուրաքանչյուր կապույտ տոմս տրվում էր երկու տողի անգիր արտասանության դիմաց։ Տասը կապույտ տոմսը հավասար էր մի կարմիր տոմսի և կարող էր դրա հետ փոխանակվել։ Տասը կարմիր տոմսը հավասար էր մեկ դեղինի։ | + | Թոմենց դասարանի բոլոր երեխաներն իրար նման էին․ անհանգիտ, աղմկոտ և կռվարար։ Երբ նրանք սկսեցին իրենց դասն արտասանել, նրանցից ոչ մեկն իր անգիրը կատարյալ չգիտեր․ անհրաժեշտ էր բոլորին հուշել։ Ի վերջո, նրանք մի կերպ տակից դուրս եկան, և յուրաքանչյուրը ստացավ իր պարգևը՝ մի կապույտ տոմս, վրան ինչ֊որ խոսքեր Սուրբ գրքից։ Յուրաքանչյուր կապույտ տոմս տրվում էր երկու տողի անգիր արտասանության դիմաց։ Տասը կապույտ տոմսը հավասար էր մի կարմիր տոմսի և կարող էր դրա հետ փոխանակվել։ Տասը կարմիր տոմսը հավասար էր մեկ դեղինի։ Տասը դեղին տոմսի դիմաց դպրոցի դիրեկտորը աշակերտին տալիս է մի հասարակ կազմով աստվածաշունչ (այդ երջանկահիշատակ ժամանակներում գիրքն արժեր քսան սենթ)։ Իմ ընթերցողներից քանի՞սն այդքան աշխատասիրություն և կարողություն կունենան անգիր անելու երկու հազար տող ոտանավոր թեկուզ Դորեի նկարներով զարդարված աստվածաշունչ ստանալու համար։ Իսկ Մերին այս ճանապարհով կարողացել էր ստանալ երկու աստվածաշունչ։ Դա երկու տարվա համբերատար աշխատանքի արդյունքն էր․ իսկ գերմանական ծագումով մի տղա շահել էր չորս կամ հինգ աստվածաշունչ։ Նա մի անգամ երեք հազար տող արտասանել էր առանց կանգ առնելու։ Բայց նրա ուղեղի լարումն այնքան ծանր էր եղել, որ այդ օրվանից նա մի ապուշ էր դարձել։ Այդ դեպքը դպրոցի համար լուրջ դժբախտություն էր, որովհետև մեծ առիթների դեպքում մարդկանց առաջ դիրեկտորը (ինչպես Թոմն էր ասում) միշտ այս տղային մեջտեղ էր հանում «իրեն ցույց տալու համար»։ Միայն չափահաս աշակերտներն էին կարողանում պահել տոմսերը և իրենց համբերատար գործն այնպես շարունակել, որ ավետարան ստանան։ Այդ պատճառով էլ այս մրցանակներից որևէ մեկի հանձնումը մեծ իրադարձություն էր․ հաջողակ աշակերտն այնքան էր մեծարվում ու գովաբանվում, որ յուրաքանչյուր դպրոցական այրվում էր մի քանի շաբաթ փառասիրությամբ։ Թոմի մտավոր ախորժակը հավանաբար ոչ մի անգամ մրցանակների պատճառով չգրգռվեց, բայց նա ի՞նչ խոսք, ամբողջ սրտով մի քանի օր երազում էր այդպիսի հաղթանակ և այն ամբողջ փայլը, որ գալիս էր դրա հետ։ |
Մինչ այդ դիրեկտորը կանգ առավ ամբիոնի առաջ՝ աղոթագիրքը ձեռքին, ճկույթը էջերի արանքը դրած և պահանջեց, որ ուշադիր լինեն։ Կիրակնօրյա դպրոցի դիրեկտորը, երբ արտասանում էր իր սովորական համառոտ ճառը, անհրաժեշտ է, որ աղոթագիրք ունենա ձեռքին, ինչպես մեներգիչը համերգում՝ նոտայի մի թերթ։ Բայց թե ինչու՞ են այդպես անում, պարզ չէ․ ո՛չ երգարանը, ո՛չ էլ նոտայի թերթը այդ տանջվածներից որևէ մեկը երբեք չի գործածում։ | Մինչ այդ դիրեկտորը կանգ առավ ամբիոնի առաջ՝ աղոթագիրքը ձեռքին, ճկույթը էջերի արանքը դրած և պահանջեց, որ ուշադիր լինեն։ Կիրակնօրյա դպրոցի դիրեկտորը, երբ արտասանում էր իր սովորական համառոտ ճառը, անհրաժեշտ է, որ աղոթագիրք ունենա ձեռքին, ինչպես մեներգիչը համերգում՝ նոտայի մի թերթ։ Բայց թե ինչու՞ են այդպես անում, պարզ չէ․ ո՛չ երգարանը, ո՛չ էլ նոտայի թերթը այդ տանջվածներից որևէ մեկը երբեք չի գործածում։ | ||
Տող 487. | Տող 486. | ||
Դիրեկտորը երեսունհինգ տարեկան նիհար մարդ էր, ուներ շեկ մորուք և կարճ, շեկ մազեր։ Նա դնում էր ուղիղ կանգնող օձիք, որի վերևի մասը համարյա հասնում էր ականջներին, իսկ սուր ծայրերը՝ բերանի անկյուններին, մի բան, որ ստիպում էր նրան ուղիղ դիմացը նայել և ամբղջ մարմինը շուռ տալ, երբ անհրաժեշտ էր լինում հայացք գցել որևէ կողմ։ Նրա վիզը փաթաթված էր մի փողկապով, որը բանկի գրության նման լայն ու երկար էր և ուներ ծոպավոր ծայրեր։ Նորաձև կոշիկների քթերը ընդգծված ձևով դեպի վերև էին ցցված՝ դահուկների ծայրերի նման։ Այդ ժամանակվա երիտասարդները դրան հասնում էին երկու ոտքերը համբերությամբ և ջանասիրությամբ ժամերով պատին դեմ տալով։ Միստր Ուոլթըրսը շատ լուրջ տեսք ուներ․ նա շատ անկեղծ և շատ ազնիվ մարդ էր։ Սուրբ իրերը այնպիսի երկյուղածությամբ էր բռնում և այնպես էր առանձնացնում աշխարհիկ բաներից, որ, անկախ իր կամքից, կիրակնօրյա դպրոցում մինչև անգամ խոսում էր ուրիշ ձայնով, ոչ այնպես, ինչպես մյուս օրերը։ Իր ճառը նա այսպես սկսեց․ | Դիրեկտորը երեսունհինգ տարեկան նիհար մարդ էր, ուներ շեկ մորուք և կարճ, շեկ մազեր։ Նա դնում էր ուղիղ կանգնող օձիք, որի վերևի մասը համարյա հասնում էր ականջներին, իսկ սուր ծայրերը՝ բերանի անկյուններին, մի բան, որ ստիպում էր նրան ուղիղ դիմացը նայել և ամբղջ մարմինը շուռ տալ, երբ անհրաժեշտ էր լինում հայացք գցել որևէ կողմ։ Նրա վիզը փաթաթված էր մի փողկապով, որը բանկի գրության նման լայն ու երկար էր և ուներ ծոպավոր ծայրեր։ Նորաձև կոշիկների քթերը ընդգծված ձևով դեպի վերև էին ցցված՝ դահուկների ծայրերի նման։ Այդ ժամանակվա երիտասարդները դրան հասնում էին երկու ոտքերը համբերությամբ և ջանասիրությամբ ժամերով պատին դեմ տալով։ Միստր Ուոլթըրսը շատ լուրջ տեսք ուներ․ նա շատ անկեղծ և շատ ազնիվ մարդ էր։ Սուրբ իրերը այնպիսի երկյուղածությամբ էր բռնում և այնպես էր առանձնացնում աշխարհիկ բաներից, որ, անկախ իր կամքից, կիրակնօրյա դպրոցում մինչև անգամ խոսում էր ուրիշ ձայնով, ոչ այնպես, ինչպես մյուս օրերը։ Իր ճառը նա այսպես սկսեց․ | ||
− | ― Իսկ այժմ, երեխաներ, ես ուզում եմ, որ դուք նստեք ինչքան հնարավոր է ուղիղ ու գեղեցիկ և մեկ կամ երկու րոպե ձեր ամբողջ ուշադրությունը նվիրեք ինձ։ Այդպես։ Ճիշտ այդպես են պահում իրենց լավ աղջիկներն ու տղաները։ Ես մի աղջիկ եմ տեսնում, որը լուսամուտից դուրս է նայում․ երևի կարծում է, թե ես դրսումն եմ, գուցե մի ծառի վրա, և փոքրիկ թռչունների համար ճառ եմ արտասանում։ (Հավանության ծիծաղ) | + | ― Իսկ այժմ, երեխաներ, ես ուզում եմ, որ դուք նստեք ինչքան հնարավոր է ուղիղ ու գեղեցիկ և մեկ կամ երկու րոպե ձեր ամբողջ ուշադրությունը նվիրեք ինձ։ Այդպես։ Ճիշտ այդպես են պահում իրենց լավ աղջիկներն ու տղաները։ Ես մի աղջիկ եմ տեսնում, որը լուսամուտից դուրս է նայում․ երևի կարծում է, թե ես դրսումն եմ, գուցե մի ծառի վրա, և փոքրիկ թռչունների համար ճառ եմ արտասանում։ (Հավանության ծիծաղ)։ Ես ուզում եմ ասել, թե ինչքան լավ եմ զգում, այսպիսի մի վայրում հավաքված տեսնելով շատ մաքուր, փայլուն դեմքեր, որոնք սովորում են ճիշտ գործ անել և բարի լինել։ |
Եվ այսպես շարունակ։ Անհրաժեշտ չէ ամբողջ ճառը շարադրել այստեղ։ Դա այնպիսին է, որը չի փոխվում և շատ ծանոթ է մեզ բոլորիս։ | Եվ այսպես շարունակ։ Անհրաժեշտ չէ ամբողջ ճառը շարադրել այստեղ։ Դա այնպիսին է, որը չի փոխվում և շատ ծանոթ է մեզ բոլորիս։ | ||
Տող 493. | Տող 492. | ||
Ճառի վերջին մասը խանգարվեց մի քանի տղաների կռիվների և չարության պատճառով, ինչպես նաև անհանգիստ շարժումներից և փսփսոցից, որը կամաց֊կամաց տարածվեց և հասավ այնպիսի ապառաժների, ինչպիսիք Սիդն ու Մերին էին։ Բայց հենց որ միստր Ուոլթըրսը մի պահ լռեց, բոլորը միանգամից խաղաղվեցին ու ճառի վերջը լսեցին լուռ երախտագիտությամբ։ | Ճառի վերջին մասը խանգարվեց մի քանի տղաների կռիվների և չարության պատճառով, ինչպես նաև անհանգիստ շարժումներից և փսփսոցից, որը կամաց֊կամաց տարածվեց և հասավ այնպիսի ապառաժների, ինչպիսիք Սիդն ու Մերին էին։ Բայց հենց որ միստր Ուոլթըրսը մի պահ լռեց, բոլորը միանգամից խաղաղվեցին ու ճառի վերջը լսեցին լուռ երախտագիտությամբ։ | ||
− | Փսփսոցի առիթը բացառիկ մի երևույթ էր․ նոր այցելուների մուտքը․ ներս մտավ դատավոր Թեչըրը, որին ուղեկցում էին զառամյալ մի ծերուկ, միջին տարիքի տպավորիչ, սպիտակող մազերով մի ջենտլմեն և արժանապատվությամբ լեցուն մի տիկին, որն անկասկած վերջինի կինն էր։ Լեդին բռնել էր մի աղջկա ձեռքից։ Թոմը չէր կարողանում տեղը նստել․ հուզված էր և դրա հետ միասին խիղճը տանջում էր նրան։ Նա չէր կարողանում նայել Էմի Լոուրենսի աչքերին, չէր կարողանում տանել նրա սիրող հայացքը։ Բայց երբ տեսավ փոքրիկ նորեկին, մի | + | Փսփսոցի առիթը բացառիկ մի երևույթ էր․ նոր այցելուների մուտքը․ ներս մտավ դատավոր Թեչըրը, որին ուղեկցում էին զառամյալ մի ծերուկ, միջին տարիքի տպավորիչ, սպիտակող մազերով մի ջենտլմեն և արժանապատվությամբ լեցուն մի տիկին, որն անկասկած վերջինի կինն էր։ Լեդին բռնել էր մի աղջկա ձեռքից։ Թոմը չէր կարողանում տեղը նստել․ հուզված էր և դրա հետ միասին խիղճը տանջում էր նրան։ Նա չէր կարողանում նայել Էմի Լոուրենսի աչքերին, չէր կարողանում տանել նրա սիրող հայացքը։ Բայց երբ տեսավ փոքրիկ նորեկին, մի վայրկյանում նրա սիրտը երջանկությամբ լցվեց։ Հաջորդ պահին ինչքան շնորք ուներ ցույց էր տալիս․ ապտակում էր տղաներին, մազերն էր քաշում, ծամածռություններ էր անում, մի խոսքով, օգտագործում էր իր ամբղջ արվեստը, որ կարող էր հիացնել մի աղջկա և արժանանալ նրա գովասանքին։ Բայց մի բան փչացնում էր նրա ցնծությունը․ իր նվաստացումը այս հրեշտակի այգում։ Բայց այդ հիշողությունը շուտով ավազի նման մաքրվեց նրան տիրող երջանկության քամուց։ |
− | Այցելուներին նստեցրին պատվո ամենաբարձր աթոռներին, և հազիվ միստր Ուոլթըրսի ճառը ավարտվեց, դիրեկտորը նրանց ներկայացրեց բոլորին։ Պարզվեց, որ միջին տարիքի անծանոթը մի շատ պատկառելի մարդ էր․ ոչ ավելի, ոչ պակաս, նա օկրուգային դատավորն էր․ ամենամեծ բարձրաստիճան անձնավորությունը, որին մինչ այդ տեսել էին երեխաները։ Նրանք շատ էին ուզում իմանալ, թե ինչ նյութից էր ստեղծված այդ մարդը։ Մի կողմից ուզում էին, որ սա գոռար, մյուս կողմից վախենում էին, որ իսկապես կարող է գոռալ։ Նա Կոստանդնուպոլսից էր եկել, որը տասներկու մղոն հեռու էր․ հետևաբար նա ճանապարհորդել էր և աշխարհ տեսել։ Նույն այդ աչքերը նայել էին օկրուգային դատարանի շենքին, որը, ասում էին, թիթեղե տանիք ուներ։ Տիրող լռությունը և հարգալից նայող աչքերը ցույց էին տալիս, թե այդ մտքերը ինչ պատկառանք էին ներշնչել երեխաներին։ Դա մեծ դատավոր Թեչըրն էր, փաստաբան Թեչըրի եղբայրը։ Ջեֆ Թեչըրը անմիջապես առաջ անցավ այդ մեծ մարդու հետ ունեցած իր ծանոթությունը ցույց տալու և աշակերտների նախանձը շարժելու համար։ Եթե նա կարողանար լսել իր հետևից | + | Այցելուներին նստեցրին պատվո ամենաբարձր աթոռներին, և հազիվ միստր Ուոլթըրսի ճառը ավարտվեց, դիրեկտորը նրանց ներկայացրեց բոլորին։ Պարզվեց, որ միջին տարիքի անծանոթը մի շատ պատկառելի մարդ էր․ ոչ ավելի, ոչ պակաս, նա օկրուգային դատավորն էր․ ամենամեծ բարձրաստիճան անձնավորությունը, որին մինչ այդ տեսել էին երեխաները։ Նրանք շատ էին ուզում իմանալ, թե ինչ նյութից էր ստեղծված այդ մարդը։ Մի կողմից ուզում էին, որ սա գոռար, մյուս կողմից վախենում էին, որ իսկապես կարող է գոռալ։ Նա Կոստանդնուպոլսից էր եկել, որը տասներկու մղոն հեռու էր․ հետևաբար նա ճանապարհորդել էր և աշխարհ տեսել։ Նույն այդ աչքերը նայել էին օկրուգային դատարանի շենքին, որը, ասում էին, թիթեղե տանիք ուներ։ Տիրող լռությունը և հարգալից նայող աչքերը ցույց էին տալիս, թե այդ մտքերը ինչ պատկառանք էին ներշնչել երեխաներին։ Դա մեծ դատավոր Թեչըրն էր, փաստաբան Թեչըրի եղբայրը։ Ջեֆ Թեչըրը անմիջապես առաջ անցավ այդ մեծ մարդու հետ ունեցած իր ծանոթությունը ցույց տալու և աշակերտների նախանձը շարժելու համար։ Եթե նա կարողանար լսել իր հետևից բարձրացող փսփսուքը, այդ նրան երաժշտություն կթվար։ |
― Մի նրան նայիր, Ջիմ, նա այնտեղ է գնում։ Տ՛ես, գնում է նրանց ձեռքը սեղմելու։ Սեղմում է նրանց ձեռքը։ Աստված իմ։ Չէի՞ր ուզենա Ջեֆի փոխարեն լինել։ | ― Մի նրան նայիր, Ջիմ, նա այնտեղ է գնում։ Տ՛ես, գնում է նրանց ձեռքը սեղմելու։ Սեղմում է նրանց ձեռքը։ Աստված իմ։ Չէի՞ր ուզենա Ջեֆի փոխարեն լինել։ | ||
Տող 515. | Տող 514. | ||
― Ահա, ճիշտ է։ Դա շատ ճիշտ է, բայց ես կարծում եմ, որ մի ուրիշ անուն էլ կա, որ դու պիտի ասես, չէ՞։ | ― Ահա, ճիշտ է։ Դա շատ ճիշտ է, բայց ես կարծում եմ, որ մի ուրիշ անուն էլ կա, որ դու պիտի ասես, չէ՞։ | ||
− | Ջենտլմենին ասա քո լրիվ անուն֊ազգանունը, Թոմաս, ― միջամտեց Ուոլթըրսը, ― և խոսելիս «սըր» ասա․ մի մոռացիր քաղաքավարության ձևերը։ | + | ― Ջենտլմենին ասա քո լրիվ անուն֊ազգանունը, Թոմաս, ― միջամտեց Ուոլթըրսը, ― և խոսելիս «սըր» ասա․ մի մոռացիր քաղաքավարության ձևերը։ |
― Թոմաս Սոյեր․․․ սըր։ | ― Թոմաս Սոյեր․․․ սըր։ | ||
Տող 532. | Տող 531. | ||
− | ==Գլուխ | + | ==Գլուխ V== |
− | Մոտ ժամը տասն անց կեսն էր, երբ ղողանջեց փոքր եկեղեցու | + | Մոտ ժամը տասն անց կեսն էր, երբ ղողանջեց փոքր եկեղեցու ճաքած զանգը, և ժողովուրդը սկսեց հավաքվել առավոտյան քարոզը լսելու։ Կիրակնօրյա դպրոցի աշակերտները ցրվեցին աղոթարանում և իրենց ծնողների հետ տեղ գրավեցին նստարանների վրա, որպեսզի հսկողության տակ լինեն։ Եկավ մորաքույր Պոլին։ Թոմը, Սիդը և Մերին նստեցին նրա հետ։ Թոմին տեղավորեցին եկեղեցու դասի կողմը, որպեսզի, ինչքան հնարավոր է, հեռու լինի բաց լուսամուտից և ամառային գայթակղիչ տեսարաններից։ Եկեղեցին լցվեց բազմությամբ։ Եկավ ծերունի ու աղքատ փոստապետը, որ անցյալում լավ օրեր էր տեսել, քաղաքագլուխը և իր կինը, քանի որ քաղաքն ուրիշ անօգուտ բաների կողքին քաղաքագլուխ էլ ուներ, հաշտարար դատավորը, այրի տիկին Դուգլասը՝ քառասուն տարեկան մի բարի, գեղեցիկ, առատաձեռն ու հարուստ կին։ Բլրի վրա գտնվող նրա տունը քաղաքի միակ հյուրընկալ պալատն էր, ուր կազմակերպվում էին պարահանդեսներ, որոնցով Սանկտ֊Պիտերսբուրգը կարող էր հպարտանալ։ Եկան հարգարժան մայոր Ուորդը և իր տիկինը, փաստաբան Ռիվերսոնը՝ հեռվից ժամանած մի կարևոր մարդ, տեղական գեղեցկուհին, որին ժապավեններով զարդարված հետևում էին սրտեր այրող դեռատի աղջիկները, քաղաքի բոլոր գրասենյակային երիտասարդ աշխատողները, որոնք մինչ այդ միջանցքներում կանգնած իրենց եղեգնաձողերն էին ծխում։ Յուղված ու փայլեցված այդ բերանբացներն սպասեցին մինչև անցավ վերջին աղջիկը։ Բոլորից հետո եկավ օրինակելի տղան։ Ուիլլի Մանֆերսոնը, այնպիսի հոգատարություն ցուցաբերելով մոր նկատմամբ, կարծես նա ապակուց լիներ։ Այդ տղան միշտ մորն ուղեկցում էր եկեղեցի, և մյուս մայրերը նրանով հպարտանում էին։ Բոլոր տղաները նրան ատում էին, որովհետև շատ բարի էր, և մայրերը նրան միշտ օրինակ էին բերում։ Նրա սպիտակ թաշկինակը կարծես պատահաբար կախված էր հետևի գրպանից, ինչպես լինում էր կիրակի օրերին։ Թոմը թաշկինակ չուներ և թաշկինակ ունեցող տղաներին համարում էր պճնամոլ։ |
Երբ արդեն բոլորը հավաքված էին, զանգը մի անգամ էլ հնչեց, շտապեցնելով դանդաղաշարժներին ու վարանողներին, և հետո ամբողջ եկեղեցու վրա իջավ մի հանդիսավոր լռություն, որը խզվում էր միայն երգչախմբի անդամների զուսպ ծիծաղից։ Երգչախումբը ամբողջ արարողության ժամանակ շարունակ զուսպ ծիծաղում էր։ Մի ժամանակ եկեղեցական մի երգչախումբ կար, որ վատ չէր դաստիարակված, բայց այժմ մոռացել եմ, թե որտեղ է։ Շատ տարիներ առաջ էր, և ես հազիվ թե որևէ բան հիշեմ դրա մասին։ Բայց կարծում եմ մի ինչ֊որ օտար երկրում էր։ | Երբ արդեն բոլորը հավաքված էին, զանգը մի անգամ էլ հնչեց, շտապեցնելով դանդաղաշարժներին ու վարանողներին, և հետո ամբողջ եկեղեցու վրա իջավ մի հանդիսավոր լռություն, որը խզվում էր միայն երգչախմբի անդամների զուսպ ծիծաղից։ Երգչախումբը ամբողջ արարողության ժամանակ շարունակ զուսպ ծիծաղում էր։ Մի ժամանակ եկեղեցական մի երգչախումբ կար, որ վատ չէր դաստիարակված, բայց այժմ մոռացել եմ, թե որտեղ է։ Շատ տարիներ առաջ էր, և ես հազիվ թե որևէ բան հիշեմ դրա մասին։ Բայց կարծում եմ մի ինչ֊որ օտար երկրում էր։ | ||
Տող 545. | Տող 544. | ||
Օրհներգությունից հետո գերապատվելի միստր Սպրեգը շրջվեց դեպի հայտարարությունների տախտակը և կարդաց հավաքույթների, ընկերական հանդիպումների և ուրիշ «ծանուցումների» ցուցակները․ նա այնքան մնաց, կարծես այդ ցուցակների ընթերցումը պիտի շարունակվեր մինչև հարության ժամը։ Տարօրինակ մի սովորություն, որը դեռևս շարունակվում է Ամերիկայում, նույնիսկ քաղաքներում, թերթերի առատության այս դարում։ Հաճախ շատ քիչ բանով կարող ես արդարացնել մի սովորություն, մինչդեռ ավելի դժվար է դրանից ազատագրվել։ | Օրհներգությունից հետո գերապատվելի միստր Սպրեգը շրջվեց դեպի հայտարարությունների տախտակը և կարդաց հավաքույթների, ընկերական հանդիպումների և ուրիշ «ծանուցումների» ցուցակները․ նա այնքան մնաց, կարծես այդ ցուցակների ընթերցումը պիտի շարունակվեր մինչև հարության ժամը։ Տարօրինակ մի սովորություն, որը դեռևս շարունակվում է Ամերիկայում, նույնիսկ քաղաքներում, թերթերի առատության այս դարում։ Հաճախ շատ քիչ բանով կարող ես արդարացնել մի սովորություն, մինչդեռ ավելի դժվար է դրանից ազատագրվել։ | ||
− | Իսկ այժմ քարոզիչն աղոթում էր։ Դա մի լավ, երկարաշունչ աղոթք էր, որը մանրամասների մեջ էր մտնում․ գութ էր հայցում եկեղեցու և եկեղեցու փոքր երեխաների համար, ավանի մյուս եկեղեցիների, նահանգի, նահանգի պաշտոնյաների, Միացյալ Նահանգների եկեղեցիների, կոնգրեսի, պրեզիդենտի համար, որոնք լողում են փոթորկոտ ծովերում, միլիոնավոր ճնշվածների համար, որոնք տառապում են եվրոպական միապետների և արևելյան բռնակալների | + | Իսկ այժմ քարոզիչն աղոթում էր։ Դա մի լավ, երկարաշունչ աղոթք էր, որը մանրամասների մեջ էր մտնում․ գութ էր հայցում եկեղեցու և եկեղեցու փոքր երեխաների համար, ավանի մյուս եկեղեցիների, նահանգի, նահանգի պաշտոնյաների, Միացյալ Նահանգների եկեղեցիների, կոնգրեսի, պրեզիդենտի համար, որոնք լողում են փոթորկոտ ծովերում, միլիոնավոր ճնշվածների համար, որոնք տառապում են եվրոպական միապետների և արևելյան բռնակալների կրնկի տակ, նրանց համար, ովքեր ավետարանի լույսն ունեն, բայց չունեն աչքեր, որ տեսնեն, չունեն ականջներ, որ լսեն, հեռավոր կղզիների անհավատների համար։ Նա աղոթքն ավարտեց աղերսելով, որ իր արտասանած խոսքերը հանդիպեն շնորհի ու ըմբռնման, լինեն բերրի հողի մեջ ընկած սերմեր և ժամանակին լավ բերք տան։ Ամե՛ն։ |
Նա, հագուստները խշխշացնելով, նստեց։ Ոտքի կանգնած ժողովականները նույնպես նստեցին։ Այն տղային, որի պատմությանն է նվիրված այս գիրքը, աղոթքը դուր չէր գալիս․ նա պարզապես դիմանում էր։ Անգիտակցաբար մտքում կրկնում էր աղոթքի բոլոր մանրամասնությունները։ Չէր լսում, բայց գիտեր այդ եկեղեցականի սովորական ու հին ճանապարհը, և երբ ինչ֊որ փոքր չափով նոր հարց էր մտնում դրա մեջ, տղան ականջները սրում էր և ամբողջ էությամբ զայրանում․ հավելումները նա անարժան և երկրորդական էր համարում։ Աղոթքի կեսին մի ճանճ նստել էր նրա առջևի նստարանի թիկնակին։ Ճանճը տանջում էր տղային․ փոքրիկ տոտիկները հանգիստ իրար քսելով ճանճը գրկում էր գլուխը և այնպես եռանդով մաքրում այն, որ կարծես մարմնից անջատված լիներ։ Երևում էր վզի բարալիկ թելը։ Հետևի տոտիկներով մաքրում, հարթում էր թևերը, ինչպես ֆրակի փեշերը, որպեսզի վրան ավելի լավ նստեն։ Ամբողջ այդ հարդարանքը նա կատարում էր առանց շտապելու, հանգիստ, կարծես գիտեր, որ լրիվ ապահով վիճակում է։ Թեև Թոմի ձեռքերը ճանճ բռնելու համար քոր էին գալիս, նա չէր համարձակվում․ հավատում էր, որ իր հոգին անմիջապես կկործանվեր, եթե այդպիսի բան աներ աղոթքի ընթացքում։ Բայց եզրափակիչ նախադաության հետ Թոմի ձեռքը ինքնաբերաբար առաջ գնաց․ և այն պահին, երբ «ամեն»֊ը լսվեց, ճանճը արդեն ռազմագերի էր։ Մորաքույրը տեսավ այդ արարքը և ստիպեց, որ ճանճը բաց թողնի։ | Նա, հագուստները խշխշացնելով, նստեց։ Ոտքի կանգնած ժողովականները նույնպես նստեցին։ Այն տղային, որի պատմությանն է նվիրված այս գիրքը, աղոթքը դուր չէր գալիս․ նա պարզապես դիմանում էր։ Անգիտակցաբար մտքում կրկնում էր աղոթքի բոլոր մանրամասնությունները։ Չէր լսում, բայց գիտեր այդ եկեղեցականի սովորական ու հին ճանապարհը, և երբ ինչ֊որ փոքր չափով նոր հարց էր մտնում դրա մեջ, տղան ականջները սրում էր և ամբողջ էությամբ զայրանում․ հավելումները նա անարժան և երկրորդական էր համարում։ Աղոթքի կեսին մի ճանճ նստել էր նրա առջևի նստարանի թիկնակին։ Ճանճը տանջում էր տղային․ փոքրիկ տոտիկները հանգիստ իրար քսելով ճանճը գրկում էր գլուխը և այնպես եռանդով մաքրում այն, որ կարծես մարմնից անջատված լիներ։ Երևում էր վզի բարալիկ թելը։ Հետևի տոտիկներով մաքրում, հարթում էր թևերը, ինչպես ֆրակի փեշերը, որպեսզի վրան ավելի լավ նստեն։ Ամբողջ այդ հարդարանքը նա կատարում էր առանց շտապելու, հանգիստ, կարծես գիտեր, որ լրիվ ապահով վիճակում է։ Թեև Թոմի ձեռքերը ճանճ բռնելու համար քոր էին գալիս, նա չէր համարձակվում․ հավատում էր, որ իր հոգին անմիջապես կկործանվեր, եթե այդպիսի բան աներ աղոթքի ընթացքում։ Բայց եզրափակիչ նախադաության հետ Թոմի ձեռքը ինքնաբերաբար առաջ գնաց․ և այն պահին, երբ «ամեն»֊ը լսվեց, ճանճը արդեն ռազմագերի էր։ Մորաքույրը տեսավ այդ արարքը և ստիպեց, որ ճանճը բաց թողնի։ | ||
Տող 553. | Տող 552. | ||
Թոմի տանջանքները վերսկսվեցին, երբ չոր քարոզն ավարտվեց։ Այժմ նա հիշեց իր ունեցած գանձը և այն դուրս հանեց։ Դա մի խոշոր սև բզեզ էր, ուժեղ ծնոտներով մի «կծան», ինչպես անվանում էր նա։ Բզեզը թանկագին տուփի մեջ էր։ Առաջին գործը, որ բզեզն արեց, տղայի մատը կծելն էր։ Բնական է, որ տղան բզեզը մեջքի վրա գետին շպրտեց և կծված մատը բերանը տարավ։ Բզեզն ընկած տեղում հուսահատ թափահարում էր ոտքերը, բայց ուղղվել չէր կարողանում։ Թոմը նայում էր և ուզում էր վերցնել, բայց ձեռքը չհասավ։ Քարոզով չհետաքրքրվողները փրկություն գտան բզեզի մեջ և նայում էին նրան։ Այդ ժամանակ ամառվա թուլացնող շոգից ծուլացած ու տխուր, գերությունից տանջված, փոփոխություն փնտրող մի թափառական շուն եկեղեցի մտավ։ Նա տեսավ բզեզը, նրա կախ ընկած պոչը բարձրացավ ու ձգվեց։ Նա դիտեց բզեզը, շուրջը պտտվեց, ապահով հեռավորությունից հոտոտեց, նորից շուրջը պտտվեց, ավելի համարձակ դարձավ և ավելի մոտիկից հոտոտեց, ապա բացեց բերանը և փորձեց բռնել․ վրիպեց, մի անգամ էլ փորձեց, մի անգամ էլ․ և սկսեց հաճույք զգալ այդ փոփոխությունից։ Շունը փորի վրա պառկեց, բզեզը քաշեց թաթերի արանքը և շարունակեց իր փորձերը։ Ի վերջո նա ձանձրացավ, դարձավ անտարբեր և անուշադիր։ Նրա գլուխը ծանրացավ, կզակը դանդաղ ցած իջավ և կպավ թշնամուն, որը և կծեց նրան։ Մի կարճ կաղկանձ լսվեց, գլխի սիրալիր հարվածից բզեզը մի քանի յարդ հեռու ընկավ և նորից պառկեց մեջքի վրա։ Մոտիկ եղածները շտկվեցին ներքին հաճույքով, բազմաթիվ դեմքեր հովհարների ու թաշկինակների հետև պահվեցին, և Թոմը լիովին երջանիկ էր։ Շունը շատ հիմար տեսք ուներ և հավանաբար այդպիսին էլ էր, բայց վիրավորանք կար նրա սրտում և վրեժ լուծելու ծարավ։ Նա գնաց դեպի բզեզը և զգուշությամբ վերսկսեց հարձակումը։ Բոլոր կողմերից ցատկելով բզեզի վրա, առջևի թաթերը մի մատնաչափ մոտեցնում էր, մոտիկից ատամներով հարձակվում և գլուխն այնպես թափահարում, որ ականջները շարժվում էին։ Որոշ ժամանակ հետո նորից ձանձրացավ․ փորձեց ինքն իրեն նորից զվարճացնել մի ճանճով, բայց դա գրավիչ չէր․ քիթը գետնին կպցրած հետևեց մի մրջյունի, շուտով հոգնեց դրանից, հորանջեց, հոգոց հանեց, ամբողջովին մոռացավ բզեզը և նստեց վրան։ Հետո մի վայրի կաղկանձյուն լսվեց, և շունն սկսեց դես֊դեն ընկնել։ Կաղկանձյունը շարունակվեց։ Շունն անցավ բեմի առջևով, դռան մոտով, նորից վերադարձավ։ Ցավն այդ շարժումներից ավելանում էր։ Նա սկսեց լույսի արագությամբ իր շուրջը պտտվել։ Ի վերջո, գլուխը կորցրած տառապյալը թռավ իր տիրոջ ծնկներին։ Տերը նրան լուսամուտից դուրս նետեց, և ցավի ձայներն արագորեն մեղմացան ու մարեցին հեռվում։ | Թոմի տանջանքները վերսկսվեցին, երբ չոր քարոզն ավարտվեց։ Այժմ նա հիշեց իր ունեցած գանձը և այն դուրս հանեց։ Դա մի խոշոր սև բզեզ էր, ուժեղ ծնոտներով մի «կծան», ինչպես անվանում էր նա։ Բզեզը թանկագին տուփի մեջ էր։ Առաջին գործը, որ բզեզն արեց, տղայի մատը կծելն էր։ Բնական է, որ տղան բզեզը մեջքի վրա գետին շպրտեց և կծված մատը բերանը տարավ։ Բզեզն ընկած տեղում հուսահատ թափահարում էր ոտքերը, բայց ուղղվել չէր կարողանում։ Թոմը նայում էր և ուզում էր վերցնել, բայց ձեռքը չհասավ։ Քարոզով չհետաքրքրվողները փրկություն գտան բզեզի մեջ և նայում էին նրան։ Այդ ժամանակ ամառվա թուլացնող շոգից ծուլացած ու տխուր, գերությունից տանջված, փոփոխություն փնտրող մի թափառական շուն եկեղեցի մտավ։ Նա տեսավ բզեզը, նրա կախ ընկած պոչը բարձրացավ ու ձգվեց։ Նա դիտեց բզեզը, շուրջը պտտվեց, ապահով հեռավորությունից հոտոտեց, նորից շուրջը պտտվեց, ավելի համարձակ դարձավ և ավելի մոտիկից հոտոտեց, ապա բացեց բերանը և փորձեց բռնել․ վրիպեց, մի անգամ էլ փորձեց, մի անգամ էլ․ և սկսեց հաճույք զգալ այդ փոփոխությունից։ Շունը փորի վրա պառկեց, բզեզը քաշեց թաթերի արանքը և շարունակեց իր փորձերը։ Ի վերջո նա ձանձրացավ, դարձավ անտարբեր և անուշադիր։ Նրա գլուխը ծանրացավ, կզակը դանդաղ ցած իջավ և կպավ թշնամուն, որը և կծեց նրան։ Մի կարճ կաղկանձ լսվեց, գլխի սիրալիր հարվածից բզեզը մի քանի յարդ հեռու ընկավ և նորից պառկեց մեջքի վրա։ Մոտիկ եղածները շտկվեցին ներքին հաճույքով, բազմաթիվ դեմքեր հովհարների ու թաշկինակների հետև պահվեցին, և Թոմը լիովին երջանիկ էր։ Շունը շատ հիմար տեսք ուներ և հավանաբար այդպիսին էլ էր, բայց վիրավորանք կար նրա սրտում և վրեժ լուծելու ծարավ։ Նա գնաց դեպի բզեզը և զգուշությամբ վերսկսեց հարձակումը։ Բոլոր կողմերից ցատկելով բզեզի վրա, առջևի թաթերը մի մատնաչափ մոտեցնում էր, մոտիկից ատամներով հարձակվում և գլուխն այնպես թափահարում, որ ականջները շարժվում էին։ Որոշ ժամանակ հետո նորից ձանձրացավ․ փորձեց ինքն իրեն նորից զվարճացնել մի ճանճով, բայց դա գրավիչ չէր․ քիթը գետնին կպցրած հետևեց մի մրջյունի, շուտով հոգնեց դրանից, հորանջեց, հոգոց հանեց, ամբողջովին մոռացավ բզեզը և նստեց վրան։ Հետո մի վայրի կաղկանձյուն լսվեց, և շունն սկսեց դես֊դեն ընկնել։ Կաղկանձյունը շարունակվեց։ Շունն անցավ բեմի առջևով, դռան մոտով, նորից վերադարձավ։ Ցավն այդ շարժումներից ավելանում էր։ Նա սկսեց լույսի արագությամբ իր շուրջը պտտվել։ Ի վերջո, գլուխը կորցրած տառապյալը թռավ իր տիրոջ ծնկներին։ Տերը նրան լուսամուտից դուրս նետեց, և ցավի ձայներն արագորեն մեղմացան ու մարեցին հեռվում։ | ||
− | Մինչ այդ, եկեղեցում եղածների դեմքերը կարմրել էին․ նրանք զսպված ծիծաղից խեղդվում էին, և քարոզը դադարել էր։ Այժմ քարոզն ամփոփվում էր, բայց այն կաղում էր և ընդհատվում, որովհետև տպավորություն գործելու բոլոր հնարավորությունները սպառվել էին։ Քարոզչի | + | Մինչ այդ, եկեղեցում եղածների դեմքերը կարմրել էին․ նրանք զսպված ծիծաղից խեղդվում էին, և քարոզը դադարել էր։ Այժմ քարոզն ամփոփվում էր, բայց այն կաղում էր և ընդհատվում, որովհետև տպավորություն գործելու բոլոր հնարավորությունները սպառվել էին։ Քարոզչի ամենաազդու խոսքերին ունկնդիրները, նստարանների թիկունքում թաքնված՝ արձագանքում էին խուլ ծիծաղով, կարծես ծիծաղելի բան էր ասում։ Ամբողջ համայնքի համար մեծ թեթևություն էր, երբ արարողությունը ավարտվեց և արտասանվեց օրհնությունը։ |
Թոմ Սոյերը տուն գնաց ուրախ, մտածելով, թե ժամերգությունն էլ երբեմն կարող է որոշ գոհունակություն պատճառել, երբ դրա մեջ մի փոքր փոփոխություն է մտնում։ Միայն մի բան էր մթագնում տղայի ուրախությունը։ Նա ուզում էր, որ շունը խաղար իր բզեզի հետ, բայց այդ շունը բզեզը դուրս տանելու ոչ մի իրավունք չուներ։ | Թոմ Սոյերը տուն գնաց ուրախ, մտածելով, թե ժամերգությունն էլ երբեմն կարող է որոշ գոհունակություն պատճառել, երբ դրա մեջ մի փոքր փոփոխություն է մտնում։ Միայն մի բան էր մթագնում տղայի ուրախությունը։ Նա ուզում էր, որ շունը խաղար իր բզեզի հետ, բայց այդ շունը բզեզը դուրս տանելու ոչ մի իրավունք չուներ։ | ||
− | + | ==Գլուխ VI== | |
− | ==Գլուխ | + | |
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց․ նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները՝ դպրոցում։ Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ․ գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում։ | Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց․ նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները՝ դպրոցում։ Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ․ գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում։ | ||
− | Թոմը պառկած մտածում էր։ Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել․ այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ։ Այստեղ ինչ֊որ անորոշ հնարավորություն կար։ Նա ինքն իրեն ստուգեց։ Ոչ մի տեղը չէր ցավում։ Նորից ստուգեց։ Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց։ Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան։ Թոմը նորից սկսեց մտածել։ Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց։ Վերևի ատամներից մեկը շարժվում էր։ Դա արդեն մեծ բախտ էր։ Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի և դա ցավ կպատճառի։ Նա որոշեց ատամը պահել որպես պահեստի ցավ և ուրիշ պատրվակ փնտրել։ Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժկի պատմած մի | + | Թոմը պառկած մտածում էր։ Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել․ այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ։ Այստեղ ինչ֊որ անորոշ հնարավորություն կար։ Նա ինքն իրեն ստուգեց։ Ոչ մի տեղը չէր ցավում։ Նորից ստուգեց։ Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց։ Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան։ Թոմը նորից սկսեց մտածել։ Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց։ Վերևի ատամներից մեկը շարժվում էր։ Դա արդեն մեծ բախտ էր։ Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի և դա ցավ կպատճառի։ Նա որոշեց ատամը պահել որպես պահեստի ցավ և ուրիշ պատրվակ փնտրել։ Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորուստավ։ Նա վերմակի տակից հանեց ոտքը, սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը։ Բայց այդ հիվանդուցյան նշանները չգիտեր։ Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ։ |
Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել։ | Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել։ | ||
Տող 637. | Տող 635. | ||
Թոմն ասաց․ | Թոմն ասաց․ | ||
− | ― Խնդրում եմ, | + | ― Խնդրում եմ, մորաքույր, մի քաշիր, այլևս չի ցավում։ Եթե նույնիսկ ցավի, էլ չեմ տնքա։ Խնդրում եմ, մորաքույր, չեմ ուզում տանը նստել և դպրոցից բացակայել։ |
― Ուրեմն այդպես, հա՞։ Ուրեմն ամբողջ այս աղմուկը նրա համար էր, որ դպրոց չգնայիր և ձու՞կ որսայիր։ Թո՛մ, Թո՛մ, ես քեզ շատ եմ սիրում, իսկ դու ամեն կերպ քո չարություններով աշխատում ես իմ ծերացած սիրտը կոտրել։ | ― Ուրեմն այդպես, հա՞։ Ուրեմն ամբողջ այս աղմուկը նրա համար էր, որ դպրոց չգնայիր և ձու՞կ որսայիր։ Թո՛մ, Թո՛մ, ես քեզ շատ եմ սիրում, իսկ դու ամեն կերպ քո չարություններով աշխատում ես իմ ծերացած սիրտը կոտրել։ | ||
Տող 643. | Տող 641. | ||
Մինչ այդ ատամ քաշելու գործիքները պատրաստ էին։ Ծեր Լեդին մետաքսի թելի մի ծայրը օղակ արեց ու պինդ անցկացրեց Թոմի ատամին, իսկ մյուս ծայրը կապեց մահճակալի ոտքին։ Հետո վերցրեց խանձողը և համարյա կպցրեց տղայի դեմքին։ Եվ ահա ատամը կախված է մահճակալի ոտքից։ | Մինչ այդ ատամ քաշելու գործիքները պատրաստ էին։ Ծեր Լեդին մետաքսի թելի մի ծայրը օղակ արեց ու պինդ անցկացրեց Թոմի ատամին, իսկ մյուս ծայրը կապեց մահճակալի ոտքին։ Հետո վերցրեց խանձողը և համարյա կպցրեց տղայի դեմքին։ Եվ ահա ատամը կախված է մահճակալի ոտքից։ | ||
− | Բայց բոլոր փորձությունները իրենց վարձատրությունն ունեն։ Երբ Թոմը նախաճաշից հետո դպրոց գնաց, բոլոր տղաներն սկսեցին նախանձել, որովհետև վերևի ատամների մեջ գոյացած բացը նրան հնարավորություն էր տալիս մի նոր ու հիանալի ձևով թքել։ Նա իր շուրջը հավաքեց բազմաթիվ տղաների, որոնց հետաքրքրում էր այդ երևույթը։ Մի տղա, որ մատը կտրել էր ու մինչ այդ ընդհանուր ուշադրության և հարգանքի կենտրոնում էր գտնվում, հանկարծ իրեն զգաց համակրանքից ու պատվից զրկված։ Նա շատ վշտացավ և | + | Բայց բոլոր փորձությունները իրենց վարձատրությունն ունեն։ Երբ Թոմը նախաճաշից հետո դպրոց գնաց, բոլոր տղաներն սկսեցին նախանձել, որովհետև վերևի ատամների մեջ գոյացած բացը նրան հնարավորություն էր տալիս մի նոր ու հիանալի ձևով թքել։ Նա իր շուրջը հավաքեց բազմաթիվ տղաների, որոնց հետաքրքրում էր այդ երևույթը։ Մի տղա, որ մատը կտրել էր ու մինչ այդ ընդհանուր ուշադրության և հարգանքի կենտրոնում էր գտնվում, հանկարծ իրեն զգաց համակրանքից ու պատվից զրկված։ Նա շատ վշտացավ և արհամարհանքով ասաց, թե մեծ բան չէ Թոմ Սոյերի նման թքելը, բայց մի ուրիշ տղա պատասխանեց․ «Խաղողը խակ է»։ Տղան հեռացավ փառքից զրկված հերոսի նման։ |
− | Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին, հարբեցողի տղային։ Բոլոր մայրերն ամբողջ սրտով ատում էին Հեքլբերիին և միաժամանակ վախենում, որովհետև նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ ու վատ տղա էր, մինչդեռ բոլոր երեխաները համակրում էին նրան, սիրում նրա արգելված ընկերությունը, ցանկանում նմանվել նրան։ Թոմը մյուս հարգարժան ընտանիքների տղաների նման նախանձում էր Հեքլբերիի ազատ վիճակին։ Նրան ևս խստորեն պատվիրել էին չխաղալ այդ տղայի հետ։ Հենց դրա համար էլ | + | Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին, հարբեցողի տղային։ Բոլոր մայրերն ամբողջ սրտով ատում էին Հեքլբերիին և միաժամանակ վախենում, որովհետև նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ ու վատ տղա էր, մինչդեռ բոլոր երեխաները համակրում էին նրան, սիրում նրա արգելված ընկերությունը, ցանկանում նմանվել նրան։ Թոմը մյուս հարգարժան ընտանիքների տղաների նման նախանձում էր Հեքլբերիի ազատ վիճակին։ Նրան ևս խստորեն պատվիրել էին չխաղալ այդ տղայի հետ։ Հենց դրա համար էլ Թոմը խաղում էր նրա հետ ամեն անգամ, երբ առիթ էր ունենում։ Հեքլբերին միշտ հագնում էր տարեց մարդկանց հնացած հագուստները, որոնք սովորաբար լինում էին պատառոտված և ծածկված տարբեր գույնի բծերով։ Նրա գլխարկը մի մեծ ճմրթված բան էր, որի ծայրից պոկվել, կախ էր ընկնում մի մեծ կտոր։ Բաճկոնը, եթե բաճկոն հագնում էր, համարյա կախվում էր մինչև կրունկները, իսկ ետևի կոճակները տեղավորված էին լինում մեջքից ցած։ Միայն մի ուսակապ էր պահում շալվարը, որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։ Շալվարի ծոպավոր ծայրերը քարշ էին գալիս ցեխի մեջ, եթե վեր չէին ծալվում։ |
Հեքլբերին թափառում էր ինչպես խելքին փչեր։ Լավ եղանակներին քնում էր դռների առաջ, իսկ ցուրտ օրերին՝ դատարկ տակառներում։ Նա ստիպված չէր դպրոց կամ եկեղեցի գնալ, չուներ տեր ու տնօրեն և ոչ ոքի չէր հնազանդվում։ Նա կարող էր ձուկ որսալու գնալ կամ լողալ երբ և որտեղ ուզենար, մնալ այնտեղ, ինչքան ուզենար։ Ոչ ոք չէր արգելում նրան կռվել․ նա կարող էր ուշանալ ինչքան ուզենար։ Նա միշտ առաջին տղան էր, որ գարնանը բոբիկ էր ման գալիս և վերջինը աշնանը կոշիկ էր հագնում։ Նա երբեք պարտավոր չէր լվացվել կամ մաքուր հագուստ հագնել։ Կարող էր հրաշալի հայհոյել։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ կյանքը թանկագին է դարձնում, այդ տղան ուներ։ Այդպես էր մտածում Սենտ֊Պիտերսբուրգի յուրաքանչյուր հարգարժան ընտանիքի պատկանող լավ դաստիարակված տղա։ Թոմը ողջունեց ռոմանտիկ թափառաշրջիկին։ | Հեքլբերին թափառում էր ինչպես խելքին փչեր։ Լավ եղանակներին քնում էր դռների առաջ, իսկ ցուրտ օրերին՝ դատարկ տակառներում։ Նա ստիպված չէր դպրոց կամ եկեղեցի գնալ, չուներ տեր ու տնօրեն և ոչ ոքի չէր հնազանդվում։ Նա կարող էր ձուկ որսալու գնալ կամ լողալ երբ և որտեղ ուզենար, մնալ այնտեղ, ինչքան ուզենար։ Ոչ ոք չէր արգելում նրան կռվել․ նա կարող էր ուշանալ ինչքան ուզենար։ Նա միշտ առաջին տղան էր, որ գարնանը բոբիկ էր ման գալիս և վերջինը աշնանը կոշիկ էր հագնում։ Նա երբեք պարտավոր չէր լվացվել կամ մաքուր հագուստ հագնել։ Կարող էր հրաշալի հայհոյել։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ կյանքը թանկագին է դարձնում, այդ տղան ուներ։ Այդպես էր մտածում Սենտ֊Պիտերսբուրգի յուրաքանչյուր հարգարժան ընտանիքի պատկանող լավ դաստիարակված տղա։ Թոմը ողջունեց ռոմանտիկ թափառաշրջիկին։ | ||
Տող 710. | Տող 708. | ||
Հոտած ջուր, հոտաած ջուր, գորտնուկս առ։ | Հոտած ջուր, հոտաած ջուր, գորտնուկս առ։ | ||
+ | |||
Հետո փակ աչքերով, արագ, տասնմեկ քայլ պիտի հեռանաս, հետո երեք անգամ տեղումդ շուռ գաս և տուն գնաս առանց որևէ մեկի հետ խոսելու։ Որովհետև, եթե խոսես, կախարդանքը կկորչի։ | Հետո փակ աչքերով, արագ, տասնմեկ քայլ պիտի հեռանաս, հետո երեք անգամ տեղումդ շուռ գաս և տուն գնաս առանց որևէ մեկի հետ խոսելու։ Որովհետև, եթե խոսես, կախարդանքը կկորչի։ | ||
Տող 730. | Տող 729. | ||
― Ոչ, ինձ Հռակինս մայրիկն է պատմել։ | ― Ոչ, ինձ Հռակինս մայրիկն է պատմել։ | ||
− | Ուրեմն՝ ճիշտ է, որովհետև ասում են, թե նա կախարդ է։ | + | ― Ուրեմն՝ ճիշտ է, որովհետև ասում են, թե նա կախարդ է։ |
− | ― Ասում են։ | + | ― Ասում են։ Իսկ ես, Թոմ, հաստատ գիտեմ, որ նա կախարդ է։ Նա կախարդել է հորս։ Հայրս ինքն է ասում։ Մի անգամ տուն գալիս նա տեսել է, որ այդ կինն իրեն կախարդում է։ Հայրս մի քար է վերցնում, և եթե տեղից չշարժվեր, նրան կխփեր։ Եվ հենց այդ գիշեր, հայրս հարբած քնած է լինում ծածկի տակ, ընկնում ու ձեռքն է կոտրում։ |
― Դա սարսափելի է։ Ինչպե՞ս է հայրդ իմացել, որ նա կախարդ է։ | ― Դա սարսափելի է։ Ինչպե՞ս է հայրդ իմացել, որ նա կախարդ է։ | ||
Տող 889. | Տող 888. | ||
― Շատ լավ, սկսիր։ | ― Շատ լավ, սկսիր։ | ||
− | + | Տիզը փախավ Թոմից և հասարակածն անցավ։ Ջոն որոշ ժամանակ հալածեց նրան, հետո տիզը նորից անցավ գիծը։ Այդ անցումները հաճախակի էին։ Մինչ մի տղան տիզը քշում էր լարված հետաքրքրությամբ, մյուսը նայում էր նույնքան կլանված։ Երկու տղաների գլուխներն էլ կախվել էին գրատախտակի վրա և երկուսն էլ ուրիշ ամեն ինչի նկատմամբ մեռած էին։ Ի վերջո, բախտը վերջնականապես անցավ Ջոյի կողմը։ Տիզը փորձում էր այս ու այն ուղղությամբ գնալ և տղաների չափ հուզված էր։ Ամեն անգամ, երբ թվում էր, թե Թոմի կողմն էր անցնելու, Ջոյի գնդասեղը ճարպկորեն միջատին իր կողմն էր դարձնում։ Ի վերջո, Թոմի համբերությունը սպառվեց։ Գայթակղությունը շատ ուժեղ էր․ նա ձեռքը երկարեց և գնդասողով տզի առաջը կտրեց։ | |
― Թոմ, հանգիստ․ թող։ | ― Թոմ, հանգիստ․ թող։ | ||
Տող 977. | Տող 976. | ||
― Ո՛չ, ո՛չ այսօր, վաղը։ | ― Ո՛չ, ո՛չ այսօր, վաղը։ | ||
− | ՉԷ՛, չէ՛, հիմա։ Խնդրում եմ, Բեքի․ ես կշշնջամ, ես շատ ցածր կփսփսամ։ | + | ― ՉԷ՛, չէ՛, հիմա։ Խնդրում եմ, Բեքի․ ես կշշնջամ, ես շատ ցածր կփսփսամ։ |
Բեքին վարանում էր․ նրա լռությունը համաձայնություն համարելով, Թոմը թևը անցկացրեց նրա վզով և ասաց շատ մեղմ, շրթունքները նրա ականջին մոտիկ։ Հետո ավելացրեց․ | Բեքին վարանում էր․ նրա լռությունը համաձայնություն համարելով, Թոմը թևը անցկացրեց նրա վզով և ասաց շատ մեղմ, շրթունքները նրա ականջին մոտիկ։ Հետո ավելացրեց․ | ||
Տող 985. | Տող 984. | ||
Աղջիկը մի պահ դիմադրեց, հետո ասաց․ | Աղջիկը մի պահ դիմադրեց, հետո ասաց․ | ||
− | ― Դեմքդ շուռ տուր, որ չկարողանաս տեսնել, հետո կասեմ։ Բայց երբեք ոչ մեկին չպետք է ասես, | + | ― Դեմքդ շուռ տուր, որ չկարողանաս տեսնել, հետո կասեմ։ Բայց երբեք ոչ մեկին չպետք է ասես, համաձա՞յն ես, Թոմ։ Չես ասելու, չէ՞։ |
― Ո՛չ, երբե՛ք, երբե՛ք չեմ ասի։ Դե՛, Բեքի։ | ― Ո՛չ, երբե՛ք, երբե՛ք չեմ ասի։ Դե՛, Բեքի։ | ||
Տող 993. | Տող 992. | ||
Հետո վեր թռավ, սկսեց վազել նստարանների միջով, Թոմը նրա ետևից և ի վերջո ապաստանեց մի անկյուն, դեմքը ծածկելով սպիտակ գոգնոցով։ Թոմը բռնեց նրա պարանոցը և խնդրեց․ | Հետո վեր թռավ, սկսեց վազել նստարանների միջով, Թոմը նրա ետևից և ի վերջո ապաստանեց մի անկյուն, դեմքը ծածկելով սպիտակ գոգնոցով։ Թոմը բռնեց նրա պարանոցը և խնդրեց․ | ||
− | ― Այժմ, Բեքի, ամեն ինչ արված է, ամեն ինչ, բացի | + | ― Այժմ, Բեքի, ամեն ինչ արված է, ամեն ինչ, բացի համբույրից։ Դրանից մի վախեցիր, դա հասարակ բան է։ Խնդրում եմ, Բեքի։ Եվ նա քաշում էր աղջկա գոգնոցն ու ձեռքերը։ |
Կաաց֊կամաց Բեքին տեղի տվեց և ձեռքերն իջեցրեց, պայքարից կարմրած նրա դեմքը դուրս եկավ գոգնոցի տակից ու հնազանդվեց։ Թոմը համբուրեց կարմիր շուրթերը և ասաց․ | Կաաց֊կամաց Բեքին տեղի տվեց և ձեռքերն իջեցրեց, պայքարից կարմրած նրա դեմքը դուրս եկավ գոգնոցի տակից ու հնազանդվեց։ Թոմը համբուրեց կարմիր շուրթերը և ասաց․ | ||
Տող 1076. | Տող 1075. | ||
Երևաց Ջո Հարպըրը, Թոմի նման թեթև հագնված և նույնպես զինված։ Թոմը գոռաց․ | Երևաց Ջո Հարպըրը, Թոմի նման թեթև հագնված և նույնպես զինված։ Թոմը գոռաց․ | ||
+ | |||
― Կանգնի՛ր, ո՞վ է համարձակվում առանց իմ թույլտվության Շերվուդի անտառը մտնել։ | ― Կանգնի՛ր, ո՞վ է համարձակվում առանց իմ թույլտվության Շերվուդի անտառը մտնել։ | ||
Տող 1113. | Տող 1113. | ||
Տղաները հագնվեցին, թաքցրին իրենց զենքերը և գնացին վշտանալով, որ այլևս ավազակներ չեն։ Նրանք մտածում էին, թե ինչ կարող էր տալ ժամանակակից քաղաքակրթությունը իրենց այդ կորստի դիմաց։ Նրանք ասացին, որ կնախնտրեին մի տարի Շերվուդի անտառում ավազակ լինել, քան Միացյալ Նահանգների պրեզիդենտ՝ առհավետ։ | Տղաները հագնվեցին, թաքցրին իրենց զենքերը և գնացին վշտանալով, որ այլևս ավազակներ չեն։ Նրանք մտածում էին, թե ինչ կարող էր տալ ժամանակակից քաղաքակրթությունը իրենց այդ կորստի դիմաց։ Նրանք ասացին, որ կնախնտրեին մի տարի Շերվուդի անտառում ավազակ լինել, քան Միացյալ Նահանգների պրեզիդենտ՝ առհավետ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ IX== | ||
+ | |||
+ | |||
+ | Այդ երեկո, ըստ սովորության, Թոմն ու Սիդը քնելու ուղարկվեցին ժամը ինն անց կեսին։ Նրանք աղոթեցին, և շուտով Սիդը քնեց։ Թոմն արթուն պառկած սպասում էր տագնապալից անհամբերությամբ։ Երբ նրան թվաց, թե համարյա լուսաբաց է, լսեց ժամացույցի տասը զարկ։ Դա հուսահատական էր․ նա ուզեց վեր կենալ ու անհամբերությունից շարժումներ անել։ Գրգռված ջղերը այդպես էին պահանջում։ Բայց վախեցավ Սիդին արթնացնելուց, անշարժ պառկեց և նայեց մթությանը։ Ամեն ինչ ծանր լռության մեջ էր։ Կամաց֊կամաց սկսեցին լսելի դառնալ անորսալի ձայներ, ժամացույցի թիք֊թաքը իրեն զգալ տվեց։ Հին գերաններ սկսեցին խորհրդավոր կերպով ճարճատել։ Սանդուղքները թույլ ճռռացին։ Անկասկած, ոգիները շրջում էին։ Մորաքույր Պոլիի սենյակից լսվում էին թույլ ու համաչափ խռմփոցներ։ Այնուհետև սկսվեց ծղրիդների հոգնեցուցիչ ճռռոցը, որի տեղը մարդկային ոչ մի հնարամտություն չէր կարող որոշել։ Ապա լսվեց ժամագործ բզեզի թիք֊թաքը պատի մեջ՝ մահճակալի գլխավերևում, որից Թոմը սառսռաց։ Դրան հաջորդեց մի շան հեռավոր ոռնոցը, որին արձագանքեց մի ուրիշ թույլ ոռնոց, ավելի հեռվից։ Թոմը մղձավանջի մեջ էր։ Ի վերջո, նա զգաց, որ ժամանակը դադարեց գոյություն ունենալուց, և սկսվեց հավիտենականությունը։ Հակառակ իր կամքի՝ նա սկսեց ննջել։ Ժամացույցը տասնմեկը խփեց, բայց Թոմը չլսեց։ Հանկարծ, կիսաերազի մեջ, նա լսեց կատվի տխուր մլավոց։ Մոտիկ տեղում լուսամուտը թրխկաց։ Ինչ֊որ ձայն կանչեց․ «Կորի սատանա»։ Մի դատարկ շիշ խփվեց մորաքրոջ պատին, և Թոմը միանգամից արթնացավ։ Նա վայրկենապես հագնվեց և լուսամուտից դուրս եկավ։ Չորեքթաթ սողաց տանիքի վրայով։ Գնալիս զգուշությամբ մի երկու անգամ մլավեց, հետո թռավ փայտանոցի տանիքը, հետո՝ գետին։ Հեքլբերի Ֆինն այնտեղ էր իր սատկած կատվի հետ։ Տղաները շարժվեցին և անհետացան խավարում։ Կես ժամ հետո նրանք քայլում էին գերեզմանատան բարձր խոտերի միջով։ | ||
+ | |||
+ | Արևմուտքի երկրներին հատուկ հին ձևի մի գերեզմանատուն էր դա, բլրի վրա, քաղաքից մոտ մեկուկես մղոն հեռու։ Շրջապատված էր մի հիմար ցանկապատով, որը ընդհանրապես դեպի դուրս էր ընկած, տեղ֊տեղ դեպի ներս, բայց ոչ մի տեղ ուղիղ չէր կանգնած։ Ամբողջ գերեզմանատանը աճել էր փարթամ խոտը։ Բոլոր հին գերեզմանները իջել էին, ոչ մի դամբարան չէր երևում։ Փտած, վերևի մասերը կլորացած, որդերի կեր դարձած տախտակները թեքվել էին դեպի հողը՝ հենարանի կարիք զգալով, բայց չգտնելով։ Դրանց վրա մի ժամանակ գրված էր եղել․ «Հավերժ հիշատակ այսինչին», բայց դրանց մեծամասնության վրա, եթե նույնիսկ մի ժամանակ տապանագրեր եղել էին, նույնիսկ ցերեկը այլևս չէին կարդացվում։ | ||
+ | |||
+ | Մի թույլ քամի նվում էր ծառերի արանքում, և Թոմը վախեցավ, որ գուցե մեռելների ոգիներն էին դրանք և բողոքում էին իրենց հանգիստը վրդովելու համար։ Տղաները քիչ էին խոսում և այն էլ շշնջոցով, որովհետև վայրը, ժամանակը, տիրող հանդիսավորությունը և լռությունը ճնշում էին նրանց։ Նրանք գտան իրենց փնտրած նոր հողաթումբը և թաքնվեցին երեք մեծ թեղիների հովանու տակ, հողաթմբից մի քանի քայլ հեռու։ | ||
+ | |||
+ | Հետո նրանք լուռ սպասեցին, ինչպես նրանց թվաց, շատ երկար ժամանակ։ Հեռվից լսվող բվի վայոցը միակ ձայնն էր, որ խզում էր մեռելային լռությունը։ Թոմի մտածումները ճնշող դարձան։ Տղան խոսելու կարիք զգաց։ Նա ասաց փսփսոցով․ | ||
+ | |||
+ | ― Հեքի, կարծո՞ւմ ես, որ մեր այստեղ լինելը մեռելներին դուր կգա։ | ||
+ | |||
+ | Հեքլբերին փսփսաց․ | ||
+ | |||
+ | ― Երանի իմանայի։ Դրությունը սարսափելի լուրջ է, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է։ | ||
+ | |||
+ | Բավական երկար լռություն տիրեց, մինչև տղաներն այդ հարցը ուսումնասիրում էին իրենք իրենց մեջ։ Հետո Թոմը շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Հեքի, կարծո՞ւմ ես, որ Հոս Ուիլյամսը լսում է մեզ։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ լսում է, գոնե նրա հոգին լսում է։ | ||
+ | |||
+ | Որոշ լռությունից հետո Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Երանի ես միստր Ուիլյամս ասեի։ Բայց ես նրան վիրավորելու միտք չունեի։ Բոլորը նրան Հոս էին անվանում։ | ||
+ | |||
+ | ― Մարդ այնքան էլ զգույշ չի լինում մեռելների մասին խոսելիս, Թոմ։ | ||
+ | |||
+ | Այդ վստահեցուցիչ էր, և զրույցը շարունակվեց։ | ||
+ | |||
+ | Հանկարծ Թոմը բռնեց ընկերոջ թևը և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սուս։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է, Թոմ։ ― Եվ երկուսը իրար կպան թպրտացող սրտերով։ | ||
+ | |||
+ | ― Սուս։ Այ նորից․ չե՞ս լսում։ | ||
+ | |||
+ | ― Ես․․․ | ||
+ | |||
+ | ― Ահա, դու էլ լսեցի՞ր։ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ, Թոմ, նրանք գալիս են, անկասկած գալիս են։ Ի՞նչ անենք։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Կարծո՞ւմ ես, որ մեզ կտեսնեն։ | ||
+ | |||
+ | ― Ահ, Թոմ, նրանք կարող են մթության մեջ տեսնել կատուների նման։ Երանի եկած չլինեի։ | ||
+ | |||
+ | ― Է՜, մի վախեցիր։ Չեմ կարծում, որ նրանք մեզ ձեռք տան։ Մենք ոչ մի վնաս չենք տալիս։ Եթե լրիվ անշարժ մնանք, գուցե մեզ բոլորովին չնկատեն։ | ||
+ | |||
+ | ― Կփորձեմ, Թոմ, բայց աստված իմ, ամբողջ մարմնով դողում եմ։ | ||
+ | |||
+ | ― Լսիր։ ― Տղաները գլուխներն իրար կպցրին։ Հազիվ էին շնչում։ Գերեզմանատան հեռավոր ծայրից խուլ ձայներ էին լսվում։ | ||
+ | |||
+ | ― Նայիր, այնտեղ նայիր, ― շշնջաց Թոմը, ― այդ ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | ― Սատանայի կրակ է։ Օ՜յ, Թոմ, դա սարսափելի է։ | ||
+ | |||
+ | Խավարի միջով անորոշ կերպարանքներ մոտեցան, օրորելով հնաձև մի թիթեղե լապտեր, որը լույսի անհամար շողեր էր սփռում գետնին։ Հանկարծ Հեքլբերին ցնցվելով շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Անկասկած սատանաներ են։ Երեքը, աստված ջան, Թոմ, մենք կորած ենք։ Կարո՞ղ ես աղոթել։ | ||
+ | |||
+ | ― Կփորձեմ, բայց դու մի վախեցիր։ Նրանք մեզ չեն վնասի։ | ||
+ | |||
+ | ― Հըշշշ․․․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Մարդիկ են։ Առնվազն մեկը։ Մեկի ձայնը Մըֆ Պոտերսի ձայնն է։ | ||
+ | |||
+ | ― Չի կարող պատահել, մի՞թե։ | ||
+ | |||
+ | ― Ես ճանաչում եմ նրան։ Մի շնչիր և մի շարժվիր։ Նա մեզ տեսնելու չափ սրատես չէ։ Հարբած է, ինչպես միշտ։ Լխկած ծերուկ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ, անշարժ կմնամ։ Ահա կանգնեցին։ Չեմ տեսնում։ Ահա նորից գալիս են։ Արդեն արագ են շարժվում․ նորից դանդաղեցին։ Նորից շտապում են․ շատ են շտապում։ Այս անգամ ուղիղ այստեղ են գալիս։ Լսիր, Հեք, մի ուրիշի ձայնն էլ եմ ճանաչում։ Հնդկացի Ջոն է։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, անիծյալ խառնածինն է։ Ավելի լավ է սատանաներ լինեին։ Տեսնես ինչո՞ւ են այստեղ եկել։ | ||
+ | |||
+ | Շշնջոցներն այժմ բոլորովին լռեցին, որովհետև երեք հոգի հասան հողաթմբին և կանգնեցին տղաների թաքստոցից մի քանի քայլ հեռու։ | ||
+ | |||
+ | ― Ահա սա է, ― ասաց երրորդ ձայնը, և ձայնի տերը լապտերը բարձրացրեց, երևան հանելով երիտասարդ բժիշկ Ռոբինսոնի դեմքը։ | ||
+ | |||
+ | Պոտերը և Հնդկացի Ջոն թոկերով կապված մի պատգարակ էին բերում, վրան երկու բահ։ Բժիշկը լապտերը դրեց գերեզմանի գլխավերևը և նստեց, մեջքը հենելով թեղիներից մեկին։ Նա այնքան մոտ էր, որ տղաները կարող էին դիպչել նրան։ | ||
+ | |||
+ | ― Շտապեք, ― ասաց նա ցածրաձայն, ― լուսինը կարող է հանկարծ դուրս գալ։ | ||
+ | |||
+ | Նրանք ինչ֊որ պատասխան փնթփնթացին և շարունակեցին փորել։ Որոշ ժամանակ ոչ մի ձայն չկար բացի հողը մի կողմ նետող բահերի ձայնից։ Այդ ձայնը շատ միօրինակ էր։ Ի վերջո, մի բահ կպավ դագաղին խուլ, փայտային աղմուկով, և մի քանի րոպե հետո նրանք դագաղը դուրս հանեցին։ Բահերով բարձրացրին կափարիչը, դուրս հանեցին մարմինը և կոպտորեն գետին գցեցին։ Լուսինը ամպերի տակից դուրս եկավ ու լուսավորեց գունատ դեմքը։ Պատգարակը պատրաստ էր։ Մարմինը դրեցին վրան, ծածկեցին բարակ վերմակով և պարանով կապեցին։ Պոտերը հանեց ծալովի մեծ դանակը և կտրեց պարանի կախված ծայրերը, հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այժմ անիծյալ գործը պատրաստ է, միստր։ Դե՛, մի հնգանոց էլ տվեք, թե չէ այստեղ էլ կմնա։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է ասում, ― ասաց Հնդկացի Ջոն։ | ||
+ | |||
+ | ― Լսեք, դա ի՞նչ է նշանակում, ― ասաց բժիշկը, ― դուք ձեր վարձը կանխիկ պահանջեցիք, և ես վճարեցի։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց դուք դրանից ավելին եք արել, ― ասաց Հնդկացի Ջոն մոտենալով բժկին, որը վեր էր կացել, ― հինգ տարի առաջ դուք ինձ վռնդեցիք ձեր հոր խոհանոցից, երբ ես եկել էի ուտելու բան խնդրելու։ Դուք ասացիք, որ ես վատ գործի համար էի եկել, և երբ ես երդվեցի վրեժ լուծել ձեզնից նույնիսկ հարյուր տարի հետո, ձեր հայրը ինձ ձերբակալել տվեց որպես թափառաշրջիկի։ Կարծում եք մոռացե՞լ եմ։ Իզուր չէ, որ ես հնդկական արյուն ունեմ։ Իսկ այժմ դուք իմ ձեռքին եք և իմացեք, որ պետք է հաշիվ տաք։ | ||
+ | |||
+ | Մինչ այդ Ջոն բռունցքը նրա դեմքին մոտեցնելով, սպառնում էր։ Բժիշկը հանկարծ հարվածեց և հնդիկին գետին գլորեց։ Պոտերը դանակը գետին գցեց և գոչեց․ | ||
+ | |||
+ | ― Է՜, ընկերոջս չխփե՞ս․․․ ― հաջորդ պահին նա կպավ բժշկին, և երկուսը պայքարում էին ամբողջ ուժով ու բոլոր միջոցներով, կանաչ խոտը տրորելով և կրունկներով գետինը քանդելով։ Հնդկացի Ջոն վեր թռավ, աչքերը ատելությունից վառվելով, վերցրեց Պոտերի դանակը, կատվի նման գաղտագողի և կուզեկուզ մոտեցավ կռվողներին ու սկսեց նրանց շուրջը պտտվել՝ հարմար առիթ որոնելով։ Հանկարծ բժիշկն իրեն ազատեց, վերցրեց Ուիլյամսի գերեզմանի ծանր տախտակը և Պոտերին դրանով գետին տապալեց։ Նույն պահին խառնածինը հարմար առիթը գտավ և դանակը մինչև կոթը խրեց երիտասարդի կուրծքը։ Բժիշկը երերաց և կիսով չափ ընկավ Պոտերի վրա, նրան իր արյամբ ողողելով։ Նույն պահին ամպերն այդ սարսափելի տեսարանը ծածկեցին, և երկու վախեցած տղաները մթության մեջ փախան։ | ||
+ | |||
+ | Երբ լուսինը նորից դուրս եկավ, Հնդկացի Ջոն կանգնած էր երկու մարմինների վերև և նրանց էր դիտում։ Բժիշկն անհասկանալի բառեր շշնջաց, մի երկու անգամ խորը շնչեց և անշարժացավ։ Խառնածինը մռմռաց։ | ||
+ | |||
+ | ― Հաշիվը մաքրված է, անիծված լինես։ | ||
+ | |||
+ | Հետո նա կողոպտեց դիակը։ Այնուհետև ճակատագրական դանակը դրեց Պոտերի բաց աջ ձեռքին և նստեց շուռ տված դագաղի վրա։ Անցավ երեք, չորս, հինգ րոպե, և Պոտերը սկսեց շարժվել ու տնքալ։ Նա դանակը սեղմեց, բարձրացրեց, նայեց և դողալով ձեռքից ցած գցեց։ Հետո նստեց, բժշկի մարմինը իրենից հեռու գլորեց և շփոթված նայեց դրան, հետո իր շուրջը։ Նրա աչքերը հանդիպեցին Ջոյի աչքերին։ | ||
+ | |||
+ | ― Աստված, այս ի՞նչ բան է, Ջո, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Կեղտոտ գործ է, ― ասաց Ջոն առանց շարժվելու, ― ինչո՞ւ արեցիր։ | ||
+ | |||
+ | ― Ե՞ս, ես չեմ արել, երբե՛ք։ | ||
+ | |||
+ | ― Լռիր, այդպիսի խոսքերով չես ազատվի։ | ||
+ | |||
+ | Պոտերը դողաց և գույնը գցեց։ | ||
+ | |||
+ | ― Կարծում էի հարբածությունս անցել է։ Այս գիշեր ես չպետք է խմեի։ Բայց դեռևս գլուխս պտտվում է՝ ավելի վատ, քան այստեղ գալիս։ Ամեն ինչ խառնվել է․ ոչինչ չեմ կարողանում հիշել։ Ասա, Ջո, անկեղծ, ասա, հին ընկեր, ե՞ս արեցի այդ։ Ջո՛, ես երբեք չէի ուզում, հոգիս ու պատիվս վկա, ես երբեք այդպիսի նպատակ չունեի։ Ասա, ինչպե՞ս պատահեց, Ջո։ Ա՛հ, սարսափելի է, որքա՜ն երիտասարդ ու ապագա խոստացող էր նա։ | ||
+ | |||
+ | ― Դուք երկուսդ կռվում էիք։ Նա տախտակով խփեց քո գլխին, և գետին տապալվեցիր։ Հետո վեր կացար երերալով և դանակն առար ու խրեցիր նրա կուրծքը։ Մինչ այդ նա մի ուրիշ սարսափելի հարված հասցրեց։ Մինչև այժմ էլ մեռածի նման պառկած էիր։ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ, չեմ իմացել, թե ինչ եմ անում։ Կուզենայի այս պահին մեռած լինել, եթե ես եմ արել։ Այդ բոլորը վիսկիից է և հուզմունքից։ Կյանքումս զենք չեմ գործածել, Ջո։ Կռվել եմ, բայց ոչ զենքով։ Բոլորը կվկայեն այդ բանը։ Ջո, չմատնես, խոստացիր, որ չես մատնի, Ջո։ Դու լավ տղս ես։ Ես միշտ սիրել եմ քեզ, Ջո, պաշտպանել են քեզ։ Չե՞ս հիշում։ Չես մատնելու, չէ՞, Ջո։ ― Եվ խեղճ արարածը մարդասպանի առաջ ծունկի եկավ և պաղատող ձեռքերը մեկնեց նրան։ | ||
+ | |||
+ | ― Այո, դու իմ նկատմամբ միշտ արդար ես եղել, Մըֆ Պոտեր, և ես քեզ չեմ դավաճանի։ Այժմ հանգստացիր․ տղամարդու խոսք եմ տալիս։ | ||
+ | |||
+ | ― Ջո, դու հրեշտակ ես։ Դրա համար ես քեզ օրհնելու եմ, որքան ապրեմ։ ― Եվ Պոտերը սկսեց լաց լինել։ | ||
+ | |||
+ | ― Դե, հերիք է։ Լաց լինելու ժամանակը չէ։ Դու այս ճամփով գնա, ես՝ այս։ Դե՛, շարժվիր և հետևիցդ հետքեր մի թող։ | ||
+ | |||
+ | Պոտերն սկսեց վազել նախ դանդաղ, հետո ամբողջ ուժով։ Խառնածինը նայեց նրա ետևից։ Նա քրթմնջաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե իսկապես նա շշմել է հարվածից ու խմելուց, ինչպես երևում էր տեսքից, նա դանակի մասին չի մտածի, մինչև այնքան հեռացած լինի, որ կվախենա դրա համար մենակ վերադառնալ այսպիսի մի տեղ։ Հավի սիրտ ունի։ | ||
+ | |||
+ | Երկու կամ երեք րոպե հետո սպանված մարդը, վերմակի մեջ փաթաթված դիակը, առանց կափարչի դագաղը և բաց գերեզմանը մնացել էին միայն լուսնի հսկողության տակ։ Նորից խոր լռություն էր տիրում։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ X== | ||
+ | |||
+ | |||
+ | Երկու տղաները վազեցին դեպի քաղաք, սարսափից կապված լեզուներով։ Ժամանակ առ ժամանակ նրանք ետ էին նայում, վախենալով, որ իրենց հետևող լինի։ Ճանապարհին պատահող յուրաքանչյուր կոճղ նրանց թվում էր մարդ և թշնամի։ Նրանց շունչը կտրվում էր, իսկ երբ հասան քաղաքի ծայրում գտնվող հյուղակներին, արթնացած մի շան հաչոցը նրանց ոտքերին թևեր տվեց։ | ||
+ | |||
+ | ― Եթե միայն մինչև կաշվի գործարան հասնելը շունչներս չկտրվի, ― շշնջաց Թոմը, երկու հևոցի արանքում։ ― Այլևս չեմ դիմանում։ | ||
+ | |||
+ | Հեքլբերիի փնչոցները նրա միակ պատասխանն էին։ Տղաներն աչքները հառեցին իրենց հույսերի նպատակակետին և մեծ ճիգ գործ դրեցին հաղթահարելու համար այդ տարածությունը։ Նրանք մոտենում էին դրան և ի վերջո, միասին շնչասպառ ներս խոյացան բաց դռնից ու իրենց գոհ զգացին նրա փրկարար հովանու տակ։ Նրանց զարկերակները կամաց֊կամաց հանդարտվեցին, և Թոմը շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Հեքլբերի, ի՞նչ ես կարծում, դրանից ի՞նչ դուրս կգա։ | ||
+ | |||
+ | ― Եթե դոկտոր Ռոբինսոնը մահանա, ես կարծում եմ՝ կախաղան։ | ||
+ | |||
+ | ― Այդպե՞ս ես կարծում։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ, հաստատ բան է։ | ||
+ | |||
+ | Թոմը մի պահ մտածեց, հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ պիտի հայտնի, մե՞նք։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես ասում։ Հապա եթե հանկարծ մի բան պատահի և Հնդկացի Ջոյին չկախեն, նա մեզ կսպանի։ Դա հաստատ բան է, ինչպես հաստատ է, որ այժմ այստեղ պառկած ենք։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ այդպես կարծում, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Եթե որևէ մեկը պիտի հայտնի, թող Մըֆ Պոտերն անի, եթե այդքան խելք ունի։ Նա ընդհանրապես հարբած է լինում։ | ||
+ | |||
+ | Թոմը ոչինչ չասաց և շարունակեց մտածել, հետո շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Հեք, Մըֆ Պոտերը չգիտե, ինչպե՞ս կարող է հայտնել։ | ||
+ | |||
+ | ― Ինչու՞ չգիտե։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև ճիշտ այն պահին, երբ նա գլխին ստացավ փայտի հարված, Հնդկացի Ջոն արեց այդ բանը։ Կարծո՞ւմ ես․ որ նա կարող էր դա նկատել։ Կարծո՞ւմ ես, որ նա որևէ բան իմացավ։ | ||
+ | |||
+ | ― Իակապես, ճիշտ ես ասում, Թո՛մ։ | ||
+ | |||
+ | ― Եվ գուցե փայտի այդ հարվածից նրա խելքը թռած լինի։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, չեմ կարծում, Թո՛մ․ նա հարբած էր, ես այդ զգում էի, թեև նա միշտ հարբած է լինում։ Երբ հայրս հարբած էր լինում, կարող էիր գլխին ինչով ասես խփել, և բան չէր լինում։ Նա ինքն էր այդ ասում։ Ուրեմն նույնն է նաև Մըֆ Պոտերի համար։ Եթե հարբած չլիներ, այդ հարվածից գուցե և մեռներ։ Չգիտեմ։ | ||
+ | |||
+ | Մտախոհ լռությունից հետո Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հեքի, դու վստա՞հ ես, որ կարող ես լռել։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, մենք պարտավոր ենք լռել, դու գիտես։ Այդ հնդիկ սատանան մեզ կատվի ձագերից ավելի հեշտ կխեղդի, եթե խոսենք, և նրան չկախեն։ Լսիր, Թոմ, արի իրար երդվենք, այո, պետք է երդվենք, որ կլռենք։ | ||
+ | |||
+ | ― Համաձայն եմ, Հեք, դա լավագույն ձևն է․ դե՛, ձեռքդ բարձրացրու և երդվիր, որ․․․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ո՛չ, այս դեպքում դա շատ քիչ է․ դա լավ է սովորական փոքր դեպքերի համար, հատկապես աղջիկների հետ, որովհետև պարզ է, ի վերջո խաբելու են և դուրս տալու, եթե չարանան, բայց այդպիսի մեծ դեպքի համար պետք է գրություն լինի։ Եվ արյուն։ | ||
+ | |||
+ | Թոմն ամբողջ էությամբ ողջունեց այս գաղափարը։ Դա խորհրդավոր էր, մռայլ և սարսափելի։ Ժամանակը, պայմանները, շրջապատը համապատասխանում էին այդպիսի մի գործի։ Լուսնի լույսի տակ նա մի տաշեղ գտավ, գրպանից հանեց «կարմիր ներկի» մի կտոր և այնպես, որ լույսն ընկնի տաշեղի վրա, դժվարությամբ, դանդաղորեն գրեց այս տողերը՝ յուրաքանչյուր բառի վրա լեզուն ատամների արանքում շմփշմփացնելով։ | ||
+ | |||
+ | «Հեք Ֆինը և Թոմ Սոյերը երդվում են, | ||
+ | |||
+ | որ պիտի լռեն այս գործի մասին | ||
+ | |||
+ | և տեղն ու տեղը թող մեռնեն, եթե երբևէ | ||
+ | |||
+ | ասեն և խոսք թռցնեն»։ | ||
+ | |||
+ | Հեքլբերին հիացած էր Թոմի գրելու հեշտությամբ և ոճի ազնվությամբ։ Նա անմիջապես գնդասեղ հանեց բաճկոնի լամբակից և ուզում էր մարմինը ծակել, բայց Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սպասիր, մի արա։ Դա պղնձե գնդասեղ է, կարող է ժանգ ունենալ։ | ||
+ | |||
+ | ― Ժանգն ի՞նչ բան է։ | ||
+ | |||
+ | ― Դա թույն է, այո, թույն է։ Մի անգամ փորձիր, դրանից կուլ տուր և կտեսնես։ | ||
+ | |||
+ | Թոմը հանեց իր ասեղներից մեկը և տղաները ծակեցին իրենց բթամատերը ու արյուն կաթեցրին։ | ||
+ | |||
+ | Ի վերջո, մի քանի կաթիլ արյուն հանելուց հետո ճկույթը որպես գրիչ գործածելով, Թոմը կարողացավ ստորագրել։ Հետո նա Հեքլբերիին ցույց տվեց ինչպես H և F նկարել, և երդմնագիրը պատրաստ էր։ Նրանք հանդիսավորությամբ տաշեղը թաղեցին պատի տակ և համարեցին, որ իրենց լեզուն կողպվել է, և բանալին հեռու գցվել։ | ||
+ | |||
+ | Կիսավեր շենքի մյուս ծայրից մի կերպարանք զգուշորեն ներս մտավ, բայց նրանք չնկատեցին։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ― շշնջաց Հեքլբերին, ― այս երդումը ընդմիշտ փակ կպահի՞ մեր լեզուն․․․ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ։ Ինչ էլ պատահի, մենք պետք է լռենք։ Տեղնուտեղը կմեռնենք, չգիտե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպես է։ | ||
+ | |||
+ | Որոշ ժամանակ նրանք շարունակեցին շշնջալ։ Հանկարծ, ճիշտ դրսում, նրանցից տասը քայլ հեռու, մի շուն սկսեց ոռնալ։ Տղաները սարսափահար իրար գրկեցին։ | ||
+ | |||
+ | ― Մեզանից ո՞ր մեկին նկատի ունի, ― շշնջաց Հեքլբերին։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ․ շուտ արա, ծակից նայիր։ | ||
+ | |||
+ | ― Չէ, դու նայիր, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ կարող, ես չեմ կարող անել, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Խնդրում եմ, Թոմ, ահա նորից․․․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, աստված, շնորհակալ եմ, ― շշնջաց Թոմը, ― ես այդ ձայնը ճանաչում եմ․ Բուլ Հարբիսոնի ձայնն է։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, վերջապես, Թոմ, ես սարսափից մեռնում էի, կարծում էի, թե անտեր շուն է։ | ||
+ | |||
+ | Շունը նորից ոռնաց։ Տղաների սիրտը նորից կանգ առավ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜յ, աստված, դա Բուլ Հարբիսոնը չէ, ― շշնջաց Հեքլբերին, ― նայիր, Թոմ։ | ||
+ | |||
+ | Վախից դողալով Թոմը տեղի տվեց և աչքը գցեց ճեղքի վրա։ Նրա շունչը հազիվ էր լսվում, երբ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜յ, Հեք, դա անտեր, թափառական շուն է։ | ||
+ | |||
+ | ― Շուտ արա, Թոմ, նայիր, ո՞ւմ վրա է ոռնում։ | ||
+ | |||
+ | ― Հեք, նա պետք է երկուսիս նկատի ունենա, մենք միասին ենք։ | ||
+ | |||
+ | ― Օ՜յ, Թոմ, երկուսով կորած ենք․ ես գիտեմ, թե ուր պիտի գնամ։ Ես այնքան վատն եմ եղել։ | ||
+ | |||
+ | ― Ահա և պատժվում եմ․ այս բոլորը նրանից է, որ դպրոցից փախչում էի և անում այն, ինչ մարդիկ ինձ ասում էին չանել։ Ես կարող էի Սիդի նման խելոք լինել, եթե ուզեի։ Բայց, ոչ, չէի լինում։ Եթե այս անգամ ազատվեմ, ես պարզապես կիրակնօրյա դպրոցից դուրս չեմ գալու։ | ||
+ | |||
+ | Եվ Թոմն սկսեց հեկեկալ։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւ ես վատը, ― և Հեքլբերին նույնպես սկսեց հեկեկալ։ ― Սխալվում ես, Թոմ Սոյեր, դու պարզապես բարի հրեշտակ ես ինձ հետ համեմատած։ Օ՜հ, աստված իմ, աստված իմ, երանի ես քո կեսի չափ լավը լինեի։ | ||
+ | |||
+ | Թոմն արցունքները կուլ տվեց և սասց․ | ||
+ | |||
+ | ― Նայիր, Հեքի, նայիր․ նա ետևը մեր կողմն է արել։ | ||
+ | |||
+ | Հեքը նայեց հրճվանքը սրտում։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ որ, առա՞ջ էլ այդպես էր, այո, այդպես էր, իսկ ես՝ հիմարս, այդ մասին չմտածեցի։ Է՛հ, դա շատ լավ է, գիտե՞ս։ Բայց ո՞ւմ նկատի ունի։ | ||
+ | |||
+ | Ոռնոցը դադարեց։ Թոմը ականջները սրեց։ | ||
+ | |||
+ | ― Հը՛շշ․․․ Ի՞նչ է այդ, ― շշնջաց նա։ | ||
+ | |||
+ | ― Կարծես․․․ կարծես խոզ է խռնչում։ Ո՛չ, ինչ֊որ մեկը խռմփացնում է, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց որտե՞ղ, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, որ մյուս ծայրումն է։ Այսպես է թվում։ Հայրիկը երբեմն այնտեղ քնում էր խոզերի հետ, բայց նա այնպես էր խռմփացնում, որ գլուխդ առ ու փախիր։ Բայց նա, կարծում եմ, սյլևս այս քաղաքը չի վերադառնա։ | ||
+ | |||
+ | Արկածախնդրության ոգին մի անգամ ևս արթնացավ տղաների մեջ։ | ||
+ | |||
+ | ― Հեք, ինձ հետ կգա՞ս, եթե քեզ այնտեղ տանեմ։ | ||
+ | |||
+ | ― Չէի ուզենա, Թոմ․ բա որ Հնդկացի Ջոն լինի։ | ||
+ | |||
+ | Թոմը տատանվեց։ Բայց գայթակղությունը այնքան ուժեղ էր, որ տղաները համաձայնեցին փորձել, պայմանով, որ եթե խռմփոցը դադարի, փախչեն։ Ոտքի ծայրերի վրա, իրար ետևից նրանք առաջ գնացին։ Երբ խռմփոցից հինգ քայլ հեռու էին, Թոմը մի փոքր փայտի կտոր տրորեց, որը սուր աղմուկով ջարդվեց։ Մարդը տնքաց, մի փոքր շարժվեց, և լուսնի լույսն ընկավ նրա դեմքին։ Մըֆ Պոտերն էր։ | ||
+ | |||
+ | Տղաների ոտքերն ու մարմիններն անշարժացան, երբ մարդը շրջվեց, բայց նրանց վախն անցավ։ Ոտքի մատների վրա դուրս եկան պատի ճեղքից և մի փոքր հեռվում կանգ առան, իրար հրաժեշտ տալու համար։ Երկար, չարագուշակ ոռնոցը նորից լսվեց գիշերային խավարում։ Նրանք շուռ եկան և տեսան, որ օտար շունը մի քանի քայլ հեռու էր կանգնած Պոտերի պառկած տեղից և երեսը Պոտերին ուղղած, քիթը՝ երկինք, ոռնում էր։ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ, աստված իմ, նրա վրա է, ― բացականչեցին տղաները միասին։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Թոմ, ասում են, որ մի թափառական շուն ոռնալով եկել է Ջոնի Միլլերի տան շուրջը, երկու շաբաթ առաջ, կեսգիշերին, իսկ գիշերահավը նույն գիշերը մտել է նրանց տունը և սանդղաճաղի վրա կանգնած երգել է, բայց դեռևս ոչ ոք չի մեռնում։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց մի՞թե հաջորդ շաբաթ օրը Կրեյսի Միլլերը խոհանոցի կրակը չընկավ և չվառվեց։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց չմեռավ։ Դեռ ավելին․ լավանում է։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ, սպասիր ու տես։ Նա կմեռնի, ինչպես Մըֆ Պոտերը։ Այդպես են ասում նեգրերը, իսկ նրանք նման բաներ շատ լավ են իմանում, Հեք։ | ||
+ | |||
+ | Հետո տղաները մտամոլոր բաժանվեցին։ | ||
+ | |||
+ | Երբ Թոմը ննջարանի լուսամուտից ներս մտավ, գիշերը համարյա անցել էր։ Նա ծայրահեղ զգուշությամբ հանվեց և քնեց, ինքն իրեն շնորհավորելով, որ ոչ ոք չէր իմացել իր փախուստի մասին։ Նա չէր իմանում, որ մեղմորեն խռմփացնող Սիդը քնած չէր և արթնացել էր մի ժամ առաջ։ | ||
+ | |||
+ | Երբ Թոմն արթնացավ, Սիդը հագնվել էր և գնացել։ Լույսից և մթնշաղից երևում էր, որ ուշ էր։ Նա զարմացավ։ Ինչո՞ւ իրեն չէին կանչել, ինչո՞ւ չէին տանջել մինչև արթնանալը, ինչպես սովորաբար։ Այդ մտածումը նրան վախեցրեց։ Հինգ րոպեում հագնվեց և ներքև իջավ, թեև իրեն քնատ և հոգնած էր զգում։ Ընտանիքը դեռևս սեղանի շուրջն էր, բայց նախաճաշն ավարտված էր։ Հանդիմանական ոչ մի խոսք չեղավ, բայց բոլորը խուսափում էին նրան նայելուց։ Այնպիսի լռություն ու հանդիսավորություն կար օդում, որ հանցավորի սիրտը սառեց։ Նա փորձեց ուրախ երևալ, բայց իզուր․ ոչ մի ժպիտ չառաջացրեց, ոչ մի պատասխան չստացավ և լռությունից սիրտը վախ ընկավ։ | ||
+ | |||
+ | Նախաճաշից հետո մորաքույրը նրան մի կողմ տարավ, և Թոմը համարյա ուրախացավ, որ ծեծ է ուտելու։ Բայց սխալվեց։ Մորաքույրը լաց եղավ և ասաց, թե ինչպես է կարողանում այդպես կոտորել իր ծեր սիրտը։ Ի վերջո, նա ասաց, որ եթե այդպես շարունակվի և ինքն իրեն կործանի, իր սպիտակ մազերը կհասցնի գերեզման, որովհետև անօգուտ էին Թոմին ուղղելու փորձերը։ Այդ ավելի վատ էր, քան հազար անգամ ծեծ ուտելը։ Թոմը լաց եղավ, խնդրեց ներել, նորից ու նորից խոստացավ փոխվել և թողություն ստացավ, միաժամանակ զգալով, որ հասել էր ոչ կատարյալ ներման և շատ թույլ վստահության էր արժանացել։ | ||
+ | |||
+ | Նա դուրս եկավ շատ դժբախտ ու փորձ անգամ չարեց եղբորից վրեժ լուծել։ Այնպես որ Սիդն իզուր էր ետևի դռնից փախել։ Թոմը դպրոց գնաց ընկճված ու տխուր և Ջո Հարպըրի հետ դասից փախչելու համար պատժվեց մի մարդու տեսքով, որի սիրտը լիքն էր ծանր վշտերով և անտարբեր էր շրջապատի նկատմամբ։ Հետո նստեց իր գրասեղանի առաջ, արմունկները դրեց սեղանին և ծնոտը առավ ձեռքերի մեջ ու պատին նայեց քարացած հայացքով մի մարդու, որի վշտերը հասել էին ծայրահեղ սահմանի և ավելին լինել չէին կարող։ Նրա արմունկը դեմ առավ մի կոշտ իրի։ Երկար ժամանակ հետո նա դանդաղ և տխրորեն փոխեց իր դիրքը և այդ առարկան վերցրեց ծանր հոգոցով։ Թղթի մեջ փաթաթված բան էր։ Նա բացեց այդ։ Մի երկար, խոր, տանջալից հոգոց հետևեց դրան, և նրա սիրտը կտոր֊կտոր եղավ։ Իր պղնձե գնդակն էր։ | ||
+ | |||
+ | Այս վերջին փետուրը կոտրեց ուղտի մեջքը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XI== | ||
+ | |||
+ | |||
+ | Կեսօրվա մոտ ամբողջ քաղաքը էլեկտրականացված էր սարսափելի նորությունից։ Հեռագրի կարիք չկար, որի մասին այդ ժամանակ չէին էլ երազում։ Լուրը մարդուց մարդ թռավ, խմբից խումբ, տնից տուն հեռագրից մի քիչ պակաս արագությամբ։ Դպրոցի տնօրենը կեսօրից հետո, իհարկե, արձակեց երեխաներին։ Քաղաքը կտարակուսեր, եթե նա այդպես չաներ։ | ||
+ | |||
+ | Սպանված մարդու մոտ արյունոտ դանակ էին գտել, և մի մարդ պնդել էր, թե դա պատկանում է Մըֆ Պոտերին։ Այդպես էր տարածվում պատմությունը։ Պատմում էին, որ գիշերը մի ուշացած քաղաքացի տեսել էր Պոտերին լվացվելիս, և թե Պոտերը անմիջապես փսխել էր։ Կասկածելի հանգամանքներ էին, հատկապես լվացվելը, որը Պոտերի սովորությունների մեջ չէր մտնում։ Պատմում էին նաև, որ քաղաքը խուզարկվել էր «մարդասպաններին» գտնելու համար (ժողովուրդը միշտ կասկածելին համարում է ապացույց) և թե չէին կարողացել գտնել։ Գլխավոր փողոցները և ամեն ուղղությամբ ձիավորներ էին ուղարկված։ Իբր թե շերիֆը «վստահ էր», որ մինչև երեկո հանցագործը կձերբակալվեր։ | ||
+ | |||
+ | Ամբողջ քաղաքը հոսում էր դեպի գերեզմանատուն։ Տխրությունը մոռացած Թոմը միացավ մյուսներին, ոչ նրա համար, որ նա հազար անգամ չէր նախընտրի ուրիշ ուղղությամբ գնալ, այլ որովհետև մի սարսափելի, անբացատրելի ուժ նրան այնտեղ էր քաշում։ Հասնելով ահռելի վայրը, նա մարդկանց արանքով սողաց և տեսավ այդ սարսափելի տեսարանը։ Նրան թվաց, թե մի դար է անցել իր այստեղ լինելուց հետո։ Մեկը նրա թևը բռնեց։ Դարձավ և հանդիպեց Հեքլբերիի աչքերին։ Հետո երկուսն էլ ուրիշ կողմ նայեցին և մտածեցին, թե արդյո՞ք որևէ մեկը, որևէ բան նկատեց իրենց հայացքի մեջ։ Բայց բոլորը խոսում էին, իրենց ուշադրությունը ոևեռած առջևում բացված սարսափելի տեսարանին։ | ||
+ | |||
+ | «Խեղճ մարդ», «խեղճ երիտասարդ», «սա պետք է խրատ լինի դիակ գողացողներին», «Մըֆ Պոտերը կկախվի դրա համար, եթե գտնեն» ― այդպիսի արտահայտություններ էին լսվում։ Իսկ քարոզիչն ասաց․ «Դա երկնային պատիժ է․ այս գործի մեջ նրա մատը կա»։ | ||
+ | |||
+ | Թոմը ոտից գլուխ դողաց, որովհետև նրա հայացքը ընկավ Հնդկացի Ջոյի մռայլ դեմքին։ Այդ պահին ժողովուրդն սկսեց ճանապարհ բացել, և մի քանի ձայներ լսվեցին։ «Նա՛ է, նա՛ է, նա ինքն է գալիս»։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է, ո՞վ ― հարցրեցին բազմաթիվ ձայներ։ | ||
+ | |||
+ | ― Մըֆ Պոտերը։ | ||
+ | |||
+ | ― Տեսեք, կանգ առավ, տեսեք, ետ է դառնում, մի՛ թողեք, որ փախչի։ | ||
+ | |||
+ | Թոմի գլխավերևը, ծառերի վրա գտնվող մարդիկ ասացին, որ նա չի փախչում, նա պարզապես մտածկոտ ու զարմացած է երևում։ | ||
+ | |||
+ | ― Դժոխային անամոթություն, ― ասաց մեկը, ― ուզեց գալ և հանգիստ նայել իր արած գործին, մարդու չէր սպասում։ | ||
+ | |||
+ | Ժողովուրդը կիսվեց, և շերիֆը, Պոտերի ձեռքից բռնած, մոտեցավ։ Խեղճ մարդու դեմքը այլայլված էր, աչքերը մատնում էին նրան պատած սարսափը։ Երբ Պոտերը հասավ սպանված մարդու մոտ, ամբողջ մարմնով դողաց, ձեռքերով ծածկեց դեմքը և սկսեց լաց լինել։ | ||
+ | |||
+ | ― Այդ ե՛ս չեմ արել, բարեկամներ, ― լաց եղավ նա, ― պատվո խոսք եմ ասում, որ ես չեմ արել։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է քեզ մեղադրում, ― հնչեց մի ձայն։ | ||
+ | |||
+ | Այս ձայնը խելքի բերեց նրան։ Պոտերը բարձրացրեց դեմքը և շուրջը նայեց՝ աչքերում հուսահատություն։ Նա տեսավ Հնդկացի Ջոյին և բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, հնդիկ Ջո, դու ինձ խոստացար, թե երբեք․․․ | ||
+ | |||
+ | ― Դա քո՞ դանակն է, ― շերիֆը դանակը դրեց նրա առջև։ Պոտերը ցած կընկներ, եթե չբռնեին նրան և գետնին չնստեցնեին, նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ինչ֊որ բան ինձ ասում էր, որ եթե չվերադառնամ․․․ ― նա դողաց․ հետո անուժ ձեռքը շարժեց հուսահատ շարժումով և ասաց․ ― Պատմիր նրանց, Ջո, պատմիր նրանց, այլևս ի՞նչ իմաստ ունի․․․ | ||
+ | |||
+ | Հեքլբերին և Թոմը մունջ ու քարացած մնացել էին և լսում էին, թե ինչպես այդ քարասիրտ ստախոսը հանդարտ պատմում էր։ Ամեն րոպե նրանք սպասում էին, որ անամպ երկինքը աստծո կրակը թափի նրա գլխին և զարմանում էին, տեսնելով, թե ինչքան է ուշանում հարվածը։ Եվ երբ նա ավարտեց ու դեռ ողջ առողջ էր մնում, նրանց մեջ արթնացավ երկչոտ ցանկությունը՝ երդումը խզելու և ազատելու խեղճ բանտարկյալի կյանքը, չքացավ, որովհետև պարզ էր, որ այս չարագործը հոգին ծախել էր սատանային և ճակատագրական կլիներ դեմ գնալ այդպիսի ուժի։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ չփախար, ինչո՞ւ եկար այստեղ, ― ասաց մեկը։ | ||
+ | |||
+ | ― Ուրիշ կերպ չէի կարող, իմ ձեռքին չէր, ― տնքած Պոտերը, ― ես ուզեցի փախչել, բայց այստեղից բացի ուրիշ տեղ չկարողացա գնալ։ ― Եվ նա նորից սկսեց լաց լինել։ | ||
+ | |||
+ | Հնդկացի Ջոն իր պատմությունը կրկնեց մի քանի րոպե հետո նույն հանգստությամբ և երդվեց։ Եվ տղաները տեսնելով, որ կայծակը չէր խփում նրան, վերջնականապես համոզվեցին, որ Ջոն հոգին ծախել է սատանային։ Այժմ հնդիկը նրանց համար դարձավ ամենահետաքրքրական էակը, որ երբևէ տեսել էին և իրենց կախարդված աչքերը չէին կարողանում նրանից հեռացնել։ Նրանք որոշեցին գիշերները դիտել նրան, եթե առիթը ներկայանա, այն հույսով, որ գուցե սատանայական որևէ բան տեսնեն։ | ||
+ | |||
+ | Հնդկացի Ջոն օգնեց սպանված մարդու դիակը վերցնելուն և մի սայլի վրա դնելուն։ Բազմությունը ցնցվեց․ ասացին, որ այդ պահին վերքից արյան կաթիլներ գլորվեցին։ Տղաները հույս ունեցան, որ այդ բարեբախտ պատահարը կասկածը կուղղի ճիշտ ուղղությամբ, բայց հիասթափվեցին, որովհետև մի քաղաքացի նկատեց․ | ||
+ | |||
+ | ― Երեք ոտնաչափ հեռու էր Մըֆ Պոտերը, երբ այդ կատարվեց։ | ||
+ | |||
+ | Այդ դեպքից հետո, ավելի քան մի շաբաթ, սարսափելի գաղտնիքը ու խղճի խայթը Թոմին հանգիստ չէին տալիս․ մի առավոտ, նախաճաշին, Սիդն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թոմ, քնիդ մեջ շուռումուռ ես գալիս և այնքան շատ ես խոսում, որ ինձ քնել չես թողնում։ | ||
+ | |||
+ | Թոմը գույնը գցեց և աչքերը գետնին հառեց։ | ||
+ | |||
+ | ― Դա վատ նշան է, ― ասաց մորաքույր Պոլին լրջորեն․ ― Ի՞նչ կա մտքումդ, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ, ոչինչ չկա․ ― բայց տղայի ձեռքը այնպես դողաց, որ նա սուրճը թափեց։ | ||
+ | |||
+ | ― Եվ այնպիսի բաներ ես խոսում,― ասաց Սիդը։ ― Երեկ գիշեր դու ասացիր․ «Արյո՛ւն է, արյո՛ւն է»։ Դու այդ մի քանի անգամ կրկնեցիր։ Հետո ասացիր․ «Այդպես մի տանջիր, ես, ես կպատմեմ»։ Կպատմե՞ս, ի՞նչ կպատմես։ | ||
+ | |||
+ | Ամեն ինչ պտտվեց Թոմի առջև։ Դժվար էր ասել, թե ինչ կարող էր պատահել այժմ, բայց բարեբախտաբար մորաքույր Պոլիի դեմքից չքացավ մտահոգությունը, և Թոմին օգնության եկավ առանց իմանալու։ Նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սըսս․․․ այդ սարսափելի սպանություն է։ Ես ինքս ամեն գիշեր այդ մասին երազ եմ տեսնում։ Երբեմն երազումս այնպես է լինում, որ իբր ես եմ այն արել։ | ||
+ | |||
+ | Մերին ասաց, որ ինքն էլ նույն ձևով ազդված է։ Սիդը բավարարված թվաց։ Թոմը նրանց մոտից հեռացավ ինչքան կարող էր արագ և դրանից հետո, ատամնացավից գանգատվելով, մի շաբաթ ծնոտը կապում էր գիշերները։ Նա երբեք չիմացավ, որ Սիդը գիշերները դիտում էր նրան և հաճախ քանդում էր կապը և արմունկներին հենված, երկար ժամանակ լսում, հետո նորից կապը տեղն էր դնում։ Թոմի լարված ուղեղը քիչ առ քիչ հանգստացավ, իսկ ատամնացավը մոռացվեց։ Եթե Սիդը Թոմի անկանոն մռմռոցներից որևէ բան հասկացավ, ոչ ոքի չասաց։ Թոմին թվում էր, որ իր դպրոցական ընկերները երբեք չեն կարող սատկած կատուների մասին հարցեր չտալ և չեն թողնի, որ իր վիշտը մոռանա։ Սիդը նկատեց, որ Թոմը երբեք հարցաքննություններին չէր մասնակցում, թեև նրա սովորությունն էր նման դեպքերում առաջնորդ լինել։ Նա նկատեց, որ Թոմը երբեք որպես վկա հանդես չէր գալիս։ Դա տարօրինակ էր։ Սիդը բաց չթողեց նաև այն փաստը, որ Թոմը շեշտված խուսափողականություն է հանդես բերում այդ հարցերի ժամանակ ու միշտ փախչում է դրանից, երբ հնարավոր է լինում։ Սիդը հիանում էր, բայց ոչինչ չէր ասում։ Ի վերջո, նույնիսկ այդ տիպի հարցերը գնալով անհետաքրքիր դարձան և դադարեցին տանջել Թոմի խիղճը։ | ||
+ | |||
+ | Վշտի այդ ծանր շրջանում, ամեն օր կամ երկու օրը մեկ, Թոմը առիթ էր գտնում, գնում էր բանտի երկաթապատ լուսամուտի մոտ և «մարդասպանին» տալիս էր մի կտոր խմորեղեն, երբ ձեռք էր բերում։ Բանտը փոքր, աղյուսաշեն շենք էր, քաղաքի ծայրին և ճահճի մեջ։ Պահակներ չկային, որովհետև բանտը հազվադեպ էր զբաղված լինում։ Այդ նվերները մեծապես օգնում էին Թոմի խիղճը հանգստացնելուն։ Քաղաքացիները շատ էին ուզում պատժել Հնդկացի Ջոյին դիակներ գողանալու համար, բայց այնպիսի սարսափելի բնավորություն ուներ նա, որ ոչ ոք չէր ուզում այդ գործում առաջինը հանդես գալ, այդ իսկ պատճառով իրենց մտադրությունից հրաժարվեցին։ Երկու անգամ էլ նա իր հայտարարությունը սկսեց կռվից հետո եղածներից, առանց խոստովանելու դիակի գողությունը, որն ավելի առաջ էր եղել։ Հետևաբար, ավելի լավ համարվեց դատարանում առայժմ այդ հարցը չբարձրացնել։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XII== | ||
+ | |||
+ | |||
+ | Թոմի ուղեղը շեղվեց իր գաղտնի մտահոգություններից, որովհետև գտավ նոր և ավելի ծանր պատճառ՝ զբաղվելու։ Բեքի Թեչըրը դադարել էր դպրոց գալ։ Մի քանի օր Թոմը պայքարեց իր հպարտության դեմ և փորձեց «վիշտը քամուն տալ»։ Նա սկսեց գիշերները շրջել աղջկա հոր տան շրջակայքում և իրեն շատ դժբախտ էր զգում։ Բեքին հիվանդ էր։ Իսկ եթե մեռնե՞ր։ Այդ մտածողության մեջ հուսահատություն կար։ Նա այլևս պատերազմներով, նույնիսկ ծովահենությամբ չէր հետաքրքրվում։ Կյանքի հմայքը կորել էր, մնացել էր միայն թախիծը։ Նա մի կողմ դրեց գլորանն ու փայտը։ Դրանք այլևս հաճույք չէին պատճառում։ Մորաքույրը մտահոգված էր։ Նա բոլոր տեսակի դեղերը փորձեց տղայի վրա։ Մորաքույր Պոլին այն մարդկանցից էր, որոնք հափշտակվում են պատենդ ունեցող դեղերով և բոլոր այն նորանոր մեթոդներով, որոնք առողջացնում կամ բարելավում են։ Այդպիսի բաների առաջին փորձարկողն էր նա։ Երբ բուժման գծով որևէ նոր բան էր հայտնվում, նա անմիջապես իրարանցման մեջ էր ընկնում, ուզում էր փորձել։ Ոչ իր վրա, որովհետև նա չէր հիվանդանում, այլ որևէ մեկի, ով ձեռքն ընկներ։ Նա բաժանորդ էր բոլոր, «Առողջապահություն» պարբերաթերթերի ու շառլատանական բրոշյուրների և դրանց հանդիսավոր տգիտությունը նրա համար շնչելու օդ էր։ Ամբողջ հիմարությունը, որ դրանք պարունակում էին, թե ինչպե՞ս պիտի օդափոխվել, ինչպես քնել, ինչպես վեր կենալ, ինչ ուտել, ինչ խմել, ինչքան զբաղվել մարմնամարզությամբ, միտքը ինչքան և ինչպես զբաղեցնել, ինչ տեսակ հագուստ հագնել ― այս ամբողջը նրա համար ավետարանի խոսք էր, և նա երբեք չէր նկատում, որ այդ ամսվա «առողջական» ամսագրերը ընդհանրապես հակասում էին նախորդ ամսվա ամսագրերին։ Նա պարզհոգի և բարի էր, այդ պատճառով էլ հեշտորեն զոհ էր դառնում։ Ի մի հավաքած շաղակրատող ամսագրերն ու կեղծ դեղերը, մահով զինված, իր դժգույն ձին նստած, նա փոխաբերական լեզվով խոսում էր « իր ետևից եկող դժոխքի մասին»։ Բայց երբեք չէր կասկածում, որ ինքը բուժող հրեշտակ չէր իր հիվանդ հարևանների համար, ոչ էլ ամենաբույժ սպեղանի։ | ||
+ | |||
+ | Ջրաբուժությունն այդ ժամանակ նորություն էր, և Թոմի վատ դրությունը՝ ծառից ընկած պտուղ։ Նա Թոմին արթնացնում էր լույսը չբացված, տանում էր ցախատուն և սառը ջուր ցողում վրան։ Հետո պինդ շփում էր կոշտ սրբիչով, փաթաթում սավանի մեջ և վերմակներով ծածկում, որ տղան լավ քրտներ և մարմնի ծակոտիներից դուրս գային դեղին բծերը, ինչպես ասում էր Թոմը։ | ||
+ | |||
+ | Բայց, հակառակ այս բոլորին, տղան գնալով ավելի թախծոտ, անգույն ու խղճալի էր դառնում։ Մորաքույրը բուժմանն ավելացրեց տաք լոգանքներ, ցնցուղ։ Տղան մնում էր ընկճված, ինչպես դիակառք։ Նա սկսեց բուժիչ ջրի մեջ ախորժակ բացող դեղեր և պլաստերներ ավելացնել։ Նա իր ուժերը փորձեց ինչքան կարող էր և տղային պատեց ամեն տեսակ կեղծ դեղերով։ | ||
+ | |||
+ | Թոմն անտարբեր էր դարձել հալածանքի հանդեպ, և դա ծեր կնոջ սիրտը լցրեց անհանգստությամբ։ Այդ անտարբերությունը ամեն կերպ պետք էր կոտրել։ Այդ ժամանակ նա առաջին անգամ լսեց «ցավ կտրող»֊ի մասին։ Նա անմիջապես պատվիրեց դրանից։ Փորձեց և լցվեց երախտագիտությամբ։ Դա պարզապես հեղուկ կրակ էր։ Նա մի կողմ թողեց ջրաբուժությունը, մնացած բոլորը և հավատքը կենտրոնացրեց «ցավ կտրող»֊ի վրա։ Նա Թոմին թեյի մի լիքը գդալ խմեցրեց և խոր մտահոգությամբ սպասեց արդյունքին։ Պառավի մտահոգությունն անմիջապես անցավ, հոգին նորից խաղաղվեց, որովհետև «անտարբերությունը» կոտրվեց։ Տղան չէր կարող ավելի վայրի, ավելի մեծ հետաքրքրություն ցույց տալ, եթե նրա տակ կրակ վառեին։ | ||
+ | |||
+ | Թոմն զգաց, որ սթափվելու ժամանակն էր։ Այդ տեսակ կյանքը բավական ռոմանտիկ էր, բայց սկսում էր շատ քիչ հետաքրքիր լինել։ Նա մտածեց ազատվելու զանազան պլաններ մշակել և ի վերջո որոշեց ընդունել, որ «ցավ կտրող»֊ը օգնել է։ Նա այնքան հաճախ էր այդ դեղից պահանջում, որ անիմաստ դարձավ, և մորաքույրն ասաց, որ նա իր գլխի ճարը տեսնի, իր ձեռքով ընդունի դեղը, դադարի իրեն անհանգստացնելուց։ Եթե բուժվողը Սիդը լիներ, պառավը չէր դադարի հաճույք զգալուց, բայց քանի որ դա Թոմն էր, նա շարունակում էր գաղտնի հետևել շշերին։ Նա տեսավ, որ շշի պարունակությունը պակասում է, բայց մտքովն էլ չանցավ, որ տղան բուժում էր հյուրասենյակի տախտակամածի մեծ ճեղքը։ | ||
+ | |||
+ | Մի օր Թոմը բուժում էր ճեղքը, երբ մորաքրոջ դեղին կատուն մլավելով և թեյի գդալին նայելով, մոտեցավ ագահորեն խնդրելով, որ համը նայի։ Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Մի խնդրիր, Պիտեր, եթե իսկապես դրա կարիքը չես զգում։ | ||
+ | |||
+ | Բայց Պիտերը նշան արեց, որ զգում է։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ է վստահ լինես։ | ||
+ | |||
+ | Պիտերը վստահ էր։ | ||
+ | |||
+ | ― Դե, դու ինքդ ես խնդրում, և ես տալիս եմ, որովհետև ագահ չեմ։ Եթե դուրդ չգա, ոչ ոքի չմեղադրես, բացի քեզանից։ | ||
+ | |||
+ | Պիտերը համաձայնեց։ Թոմը բաց արեց կատվի բերանը և «ցավ կտրող»֊ը լցրեց ներս։ Պիտերը մի քանի յարդ թռավ օդում, հետո մի սուր ճիչ արձակեց և սկսեց սենյակում պտտվել կահույքին խփելով, ծաղկամանները գլորելով և տնով մեկ աղմուկ հանելով։ Ապա ետևի թաթերին կանգնելով, սկսեց ինչ֊որ խենթ ուրախությամբ գլուխը բարձր պահած՝ շրջել անզուսպ հրճվանքով։ Հետո նորից սկսեց սենյակում պտտվել, ավերածություն ու քաոս տարածելով իր ճանապարհին։ Մորաքույր Պոլին ճիշտ ժամանակին ներս մտավ և տեսավ, թե ինչպես կատուն մի քանի «խաղ խաղաց, վերջին անգամ թռիչք կատարեց և լուսամուտից դուրս թռավ, մնացած ծաղկամանները հետը տանելով։ Ծեր լեդին զարմանքից քարացած՝ նայեց ակնոցի վերևից։ Թոմը հատակին գալարվում էր, ծիծաղից շնչակտուր լինում։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ի՞նչ է պատահել կատվին։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, մորաքույր, ― կմկմաց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Երբեք այդպիսի բան չեմ տեսել։ Ինչի՞ց այդպես դարձավ։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես չգիտեմ մորաքույր։ Կատուները միշտ այդպիսի բաներ են անում, երբ ուրախ են լինում։ | ||
+ | |||
+ | ― Իսկապե՞ս։ ― Նրա խոսելու տոնի մեջ մի բան կար, որը Թոմին զգաստացրեց։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպես է։ Ես այդպես եմ կարծում։ | ||
+ | |||
+ | ― Կարծու՞մ ես։ | ||
+ | |||
+ | ― Այո մորաքույր։ | ||
+ | |||
+ | Ծեր լեդին կռացավ։ Թոմը դիտում էր տագնապալից հետաքրքրությամբ։ Նա շատ ուշ հասկացավ մորաքրոջ մտադրությունը։ Մահճակալի տակ երևում էր թեյի գդալը։ Մորաքույր Պոլին վերցրեց այն, բարձրացրեց։ Թոմը ետ֊ետ գնաց և հայացքը խոնարհեց։ Մորաքույր Պոլին նրան բարձրացրեց սովորական ձևով, ականջից բռնեց և մատնոցով պինդ խփեց գլխին։ | ||
+ | |||
+ | ― Այժմ, սիրելիս, ինչու՞ ես այդպես վարվում այդ խեղճ, անլեզու հայվանի հետ, հը՞։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ արեցի խղճալուց, որովհետև նա մորաքույր չունի։ | ||
+ | |||
+ | ― Մորաքույր չունի․․․ այ դու ապուշիկ։ Մորաքույրն ի՞նչ կապ ունի դրա հետ։ | ||
+ | |||
+ | ― Մեծ կապ։ Եթե մորաքույր ունենար կմտահոգվեր նրա մասին։ Առանց խղճալու կվառեր նրա ներսը, չմտածելով, թե նա մարդ է։ | ||
+ | |||
+ | Մորաքույր Պոլին հանկարծ խղճի խայթ զգաց։ Հարցը նոր լույսով պատկերացավ․ այն, ինչ դաժան էր կատվի համար, կարող էր դաժան լինել նաև երեխայի համար։ Նա սկսեց մեղմանալ։ Զղջաց։ Պառավի աչքերը մի փոքր խոնավացան, և նա ձեռքը Թոմի գլխին դնելով, մեղմորեն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես քո լավն էի ցանկանում, Թոմ։ Եվ դա օգնեց քեզ։ Թոմը նրա դեմքին նայեց լրջության մեջ հազիվ նկատելի հեգնանքով․ | ||
+ | |||
+ | ― Ես գիտեմ, որ դու իմ լավն էիր ցանկանում, մորաքույր, ինչպես ես՝ Պիտերի լավը։ Ես նրան լավություն արեցի։ Ես երբեք չեմ տեսել, որ նա այդքան ուրախ լինի։ | ||
+ | |||
+ | ― Է՜, հերիք է, Թոմ, գնա, քանի ինձ չես վշտացրել։ Եվ փորձիր լավ տղա լինել գոնե մի անգամ։ Դու այլևս դեղ ընդունելու կարիք չունես։ | ||
+ | |||
+ | Թոմը ժամանակից շուտ դպրոց հասավ։ Նկատվում էր, որ այս տարօրինակ երևույթը վերջերս ամեն օր էր տեղի ունենում։ Եվ այժմ, ըստ վերջին ժամանակների սովորության, փոխանակ ընկերների հետ խաղալու, մնաց բակի դռան մոտերքում։ Ասում էր, թե հիվանդ է, և հիվանդի տեսք ուներ։ Նա աշխատում էր ամեն կողմ նայողի տեսք ունենալ, բայց իսկապես նայում էր դեպի փողոցը։ Այդ պահին երևաց Ջեֆ Թեչըրը, և Թոմի դեմքը պայծառացավ։ Նա մի պահ դիտեց, հետո վշտահար դուրս եկավ։ Երբ Ջեֆ Թեչըրը տեղ հասավ, Թոմը մոտեցավ նրան և անընդհատ առիթ էր ման գալիս Բեքիի մասին խոսելու, բայց բութ տղան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում։ Թոմը նայում էր ու նայում, հույսով լցվում ամեն անգամ, երբ վառ գույնի մի զգեստ էր երևում, և ատում էր դրա տիրոջը, երբ տեսնում էր, որ դա իր ուզածը չէ։ Ի վերջո, շրջազգեստները դադարեցին երևալուց, և նա վերջնականապես հուսահատության մեջ ընկավ։ Մտավ դպրոցի դատարկ սենյակը և նստեց տառապելու։ Հետո մի շրջազգեստ էլ անցավ դռնով, և Թոմի սիրտը սաստիկ տրոփեց։ Հաջորդ վայրկյանին նա դրսումն էր և հնդիկի պես «մոլեգնած» ճչում էր, ծիծաղում, տղաներին հալածում, կյանքի կամ հաշմանդամ դառնալու գնով ցանկապատի վրայով թռչում, ձեռքերի վրայով գլորվում, գլխի վրա կանգնում, անում էր իր իմացած բոլոր հերոսական արարքները և երկյուղով նայում, թե Բեքի Թեչըրը տեսնո՞ւմ է։ Բայց աղջիկն այդ բոլորի հանդեպ կարծես անտարբեր էր։ Նա չէր էլ նայում։ Կարո՞ղ էր պատահել, որ աղջիկը չնկատեր Թոմին։ Տղան իր գործունեությունը փոխադրեց աղջկա մոտերքը, սկսեց նրա շուրջը պտտվել մարտական կոչերով, վերցրեց տղաներից մեկի գլխարկը և գցեց դպրոցի կտուրը, խուժեց տղաների մի խմբի մեջ, նրանց այս ու այն կողմ գցելով և փռվեց Բեքիի քթի տակ, համարյա վախեցնելով նրան։ Աղջիկը շուռ եկավ, քիթը երկինքը տնկած, և Թոմը լսեց նրա խոսքերը․ | ||
+ | |||
+ | ― Փը՜ֆ, ոմանք կարծում են, թե իրենք շատ ճարպիկ են․․․ միշտ իրենց ցույց են տալիս։ | ||
+ | |||
+ | Թոմի այտերը վառվեցին։ Նա իրեն հավաքեց, վեր կացավ տխուր, ընկճված և գլխիկոր մի կողմ քաշվեց։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XIII== | ||
+ | |||
+ | |||
+ | Թոմը վճռել էր։ Նա ընկճված էր ու անհույս։ Մտածում էր, որ ինքը մոռացված և բարեկամներից զուրկ տղա էր, ոչ ոք չի սիրում իրեն։ Երբ իմանան, թե ինչ բանի են մղել իրեն, գուցե զղջան։ Փորձեց ուղղվել, բայց թույլ չտվին, որովհետև նրանք մի բան էին միայն ցանկանում․ իրենից ազատվել։ Ուրեմն, թող այդպես լինի, թող նրան մեղադրեն հետևանքների համար, ինչո՞ւ չէ։ Բարեկամ չունեցողը ի՞նչ իրավունք ունի դժգոհելու։ Այո, նրան ի վերջո մղել էին այդ բանին, նա կվարի ոճրագործի կյանք։ Ընտրություն չկար։ Մինչ այդ Թոմը հասել էր Միդս Լեյն մարգագետնի մյուս ծայրը և հեռվից լսեց աշակերտներին հետճաշյա դասի կանչող զանգի ձայնը։ Շատ ծանր էր։ Հակառակ իր կամքի, նա վռնդված էր ցուրտ աշխարհը․ պետք է հնազանդվեր։ Բայց Թոմը ներում էր մարդկանց։ Հետո արտասուքն ավելի ավելացավ։ | ||
+ | |||
+ | Ճիշտ այդ պահին նա հանդիպեց իր մտերիմ ընկերոջը՝ մռայլ Ջո Հարպերին, որը, ըստ երևույթին, հոգում ուներ մի մեծ և դառը կսկիծ։ «Մի նպատակ ունեցող երկու ընկերները» անշուշտ իրար միացան։ Թևքով աչքերը սրբելով, Թոմն սկսեց ինչ֊որ բան ասել տնից փախչելու իր որոշման մասին, որտեղ նրա հետ խիստ էին վարվում և բանի տեղ չէին դնում։ Խոսեց արտասահման գնալու մասին, որտեղից երբեք չէր վերադառնալու։ Նա ավարտեց խոսքը, հուսալով, որ Ջոն իրեն չի մոռանա։ | ||
+ | |||
+ | Բայց պարզվեց, որ Ջոն ուզում էր նման մի խնդրանք անել Թոմին և այդ նպատակով եկել էր նրան հանդիպելու։ Մայրը, ինչ֊որ կրեմ խմելու համար, որ նա նույնիսկ չէր համտեսել և այդ մասին ոչինչ չգիտեր, ծեծել էր նրան։ Պարզ էր, որ մայրը հոգնել էր իրենից և ցանկանում էր, որ որդին հեռանա։ Եթե նա այդպես էր զգում, տղային ոչինչ չէր մնում անել, բացի ենթարկվելուց։ Նա հույս ուներ, որ մայրը երջանիկ կլիներ և երբեք չէր զղջա իր խեղճ տղային դուրս քշելու համար, թեկուզ անզգա աշխարհում նա տառապի ու մահանա։ | ||
+ | |||
+ | Մինչ երկու տղաները տխուր քայլում էին, նրանք խոսք տվին եղբայրների պես իրար թև֊թիկունք լինել և երբեք չբաժանվել, մինչև մահը ազատի նրանց այս տանջանքներից։ Հետո սկսեցին իրենց ծրագրերն առաջադրել։ Ջոն ուզում էր ճգնավոր դառնալ և ինչ֊որ քարանձավում ապրելով, ի վերջո մահանալ ցրտից, բայց լսելով Թոմին, նա համաձայնեց, որ հանցագործի կյանքը առավելություններ ունի և որոշեց ծովահեն դառնալ։ | ||
+ | |||
+ | Սենտ֊Պիտերսբուրգից երեք մղոն հեռու, ուր Միսիսիպի գետը մեկ մղոնից ավելի լայնություն ունի, կար մի երկար ու նեղ անտառապատ կղզի, ծանծաղուտ, ավազոտ ծայրամասով, որը հարմար էր որպես ավազականոց։ Կղզին անմարդաբնակ էր, ընկած էր հակառակ ափի կողմը, որը ծածկված էր համարյա կուսական անտառով։ Ուրեմն՝ Ջեկսոնի կղզին ընտրված էր։ Թե ո՞վ էր լինելու նրանց ծովահենության «առարկան», այդ մասին չմտածեցին։ Հետո գտան Հեքլբերի Ֆիննին, որն անմիջապես միացավ տղաներին, որովհետև բոլոր ասպարեզները նրա համար մեկ էին․ նա անտարբեր էր։ Նրանք որոշեցին հանդիպել հարմար ժամին, այսինքն՝ կեսգիշերին, մի ամայի տեղում, ավանից երկու մղոն վերև, գետափին։ Այնտեղ կար փայտե մի փոքր լաստ, որը նրանք նպատակ ունեին գրավել։ Յուրաքանչյուրը խայծ, կարթեր և սննդամթերք պետք է բերեր, դրանք գողանալով հնարավորին չափ մութ ու խորհրդավոր ձևով, ինչպես վայել է ավազակներին։ Հետմիջօրեից առաջ նրանք հպարտությամբ քաղաքում լուր տարածեցին, թե շուտով քաղաքում «մի բան» պիտի լինի։ Այս անորոշ լուրը ստացողներին նախազգուշացնում էին «լուռ» մնալ ու սպասել»։ | ||
+ | |||
+ | Կեսգիշերի մոտ Թոմը խոզի ապուխտով և ուրիշ ավարներով եկավ․․․ սպասեց խիտ խոտերի մեջ, մի ուղղաձիգ զառիթափի վրա, հանդիպման վայրի վերևում։ Աստղալույս էր և խաղաղ։ Հսկա գետը հանգստացող օվկիանոսի նման էր։ Թոմը մի պահ ականջը ձայնի պահեց, ոչ մի ձայն լռությունը չէր խզում։ Հետո ցածր, պայմանավորված ձևով սուլեց։ Նրան պատասխանեցին զառիթափի տակից։ Թոմը երկու անգամ էլ սուլեց։ Այդ ազդանշաններին նույն ձևով պատասխանեցին։ Հետո մի զուսպ ձայն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է եկողը։ | ||
+ | |||
+ | ― Թոմ Սոյերը, Իսպանական ծովի Սև Վրիժառուն։ Ձեր անունը տվեք։ | ||
+ | |||
+ | ― Հեք Ֆինը՝ Արյունոտ Ձեռքը, և Ջո Հարպըրը՝ Ծովերի Սարսափը։ | ||
+ | |||
+ | Այդ անունները Թոմը ընտրել էր իր սիրած գրքերից։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ասացեք պայմանական խոսքը։ | ||
+ | |||
+ | Գիշերային խավարում երկու հոգի խռպոտ շշուկով արտասանեցին սարսափելի բառը․ | ||
+ | |||
+ | «Արյուն»։ | ||
+ | |||
+ | Թոմը զառիթափից գցեց ապուխտը և ետևից ցած գլորվեց, վնասելով մաշկը և շորերը։ Զառիթափի եզերքով դեպի ներքև հեշտ ու հարմարավետ ճանապարհ կար, բայց այն չուներ արկածի դժվարությունը և վտանգը, որը բարձր են գնահատում ծովահենները։ | ||
+ | |||
+ | Ծովերի սարսափը բերել էր խոզապուխտի մի կող, որը շատ դժվարությամբ էր տեղ հասցրել։ Արյունոտ Ձեռքը՝ Ֆինը մի կաթսա էր գողացել և մի քիչ կիսաչոր ծխախոտ։ Բերել էր նաև եգիպտացորենի մի քանի ցողուն՝ ծխամորճ պատրաստելու համար, թեև բացի իրենից, ծովահեններից ոչ մեկը ոչ ծխում էր, ոչ ծամում։ Իսպանական Ծովի Սև Վրիժառուն հայտարարեց, որ չի կարելի առանց կրակի գործի անցնել։ Դա խելոք միտք էր․ այդ ժամանակ լուցկին համարյա հայտնի չէր։ Նրանք հեռվում՝ հարյուր յարդ վերև, մի լաստի վրա կրակ տեսան և զգուշությամբ գնացին այնտեղ ու մի խանձող վերցրին։ Այդ գործողությունը նրանք վերածեցին մի տպավորիչ արկածախնդրության․ իրար «հեյ» էին ասում երբեմն և հանկարծ կանգ առնում մատը շրթների վրա դրած, ձեռքերը դնում երևակայական դաշույնների վրա և կիսաձայն հրամաններ արձակում, եթե «թշնամին» շարժվի, դաշույնը «խրիր մինչև կոթը», որովհետև «մեռելները չէին մատնում»։ Նրանք շատ լավ գիտեին, որ լաստավորները քաղաք էին գնացել, որտեղ կամ քնած էին, կամ կերուխումով էին զբաղված, բայց դա պատճառ չէր, որ նրանք այդ բոլորն անեին ոչ ծովահենաբար։ | ||
+ | |||
+ | Շուտով նրանք ճանապարհ ընկան։ Թոմը ղեկավարում էր լաստը, Հեքը ետևի թիակի մոտ էր, Ջոն՝ առջևի։ Թոմը կանգնել էր նավի մեջտեղում, հոնքերը կիտած, ձեռքերը կրծքին ծալած և հրամաններ էր արձակում ցածր, լուրջ շշուկով։ | ||
+ | |||
+ | ― Դեպի քամին, քամու ուղղությամբ։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, սըր։ | ||
+ | |||
+ | ― Ուղի՛ղ, ուղի՛ղ։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, ուղիղ, սըր։ | ||
+ | |||
+ | ― Առագաստները բացեք։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, առագաստները բացել, սըր։ | ||
+ | |||
+ | Քանի որ տղաները լաստը քշում էին դեպի գետի մեջտեղը և միայն մի ուղղությամբ, անկասկած հասկանալի է, որ այս հրամանները տրվում էին ձևի համար և ոչինչ չէին նշանակում։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ր առագաստներն են բարձրացված։ | ||
+ | |||
+ | ― Ներքևի, վերևի և թռչողները, սըր։ | ||
+ | |||
+ | ― Կենտրոնականը բարձրացրեք․ ավելի եռանդով, քաջեր․ առջևի մասում ուշադիր եղեք․ ավելի եռանդով։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, սըր։ | ||
+ | |||
+ | ― Բաց թողեք առագաստը․ կենտրոնականը բարձրացրեք, ձեզ տեսնեմ, քաջեր։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, սըր։ | ||
+ | |||
+ | ― Քամու ուղղությամբ․ ձախ կողմի վրա։ պատրաստ եղեք ցամաքին մոտենալու։ Դեպի ցամաք, դե՛, տղերք, եռանդո՛վ, եռանդո՛վ։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ, եռանդո՛վ, սըր։ | ||
+ | |||
+ | Լաստը հասավ գետի մեջտեղը։ Տղաները լաստի գլուխն ուղղեցին և թիակները ցած դրին։ Գետը խորունկ չէր, երկու կամ երեք մղոնի արագություն ուներ։ Հաջորդ երեք քառորդ ժամվա ընթացքում նրանք գրեթե չխոսեցին։ Այժմ լաստն անցնում էր քաղաքի առջևով։ Մի քանի փայլփլող լույսեր ցույց էին տալիս քաղաքի տեղը, որը խաղաղ քնած էր, աստղերը իր մեջ ցոլացնող լայն ջրից այն կողմ, անտեղյակ մեծ իրադարձությանը։ Սև Վրիժառուն անչափ ուրախ էր։ Վերջերս տղան շատ էր վշտացել և ցանկանում էր, որ «նա կարողանար տեսնել իրեն այժմ, փոթորկալից ծովի վրա, կործանման և մահվան վտանգի մեջ, անվախ սրտով, տեսնել, թե ինչպես շրթների վրա մի դառը ժպիտ, նա գնում էր դեպի իր ճակատագիրը։ Երևակայության մի փոքր ճիգով Ջեկսոնի կղզին հեռացավ, քաղաքից անտեսանելի դարձավ, և տղան կոտրված, բայց գոհ սրտով «վերջին անգամ» նայեց հայրենի քաղաքին։ Մյուս ծովայիններն էլ նայում էին «վերջին անգամ»։ Նրանք այնքան երկար նայեցին, որ քիչ մնաց հոսանքը նրանց կղզուց հեռացներ։ Բայց ժամանակին նկատեցին վտանգը՝ կանխեցին։ Ժամը երկուսին լաստը ափ հասավ կղզու ծայրից երկու հարյուր յարդ հեռու։ Երկար ժամանակ գնում֊գալիս էին, բեռնաթափում իրենց ապրանքը։ Լաստից վերցրին նաև մի հին առագաստ և անտառի մի խուլ մասում դրանով մի վրան շինեցին՝ իրենց ունեցվածքը պահելու համար։ Լավ եղանակին պետք է բացօթյա քնեին, քանի որ ավազակներ էին։ | ||
+ | |||
+ | Տղաները կրակ վառեցին մի մեծ կոճղի կողքին, անտառից քսան֊երեսուն քայլ հեռու և ընթրիքի համար մի քիչ խոզի միս տապակեցին, օգտագործելով խոզի մսի իրենց բերած ամբողջ պաշարի կեսը։ Նրանց հրաշալի թվաց այդպես ազատ ընթրելը անմարդաբնակ և չուսումնասիրված մի կղզու կուսական անտառում, հեռու մարդկային բնակությունից։ Նրանք ասում էին, որ այլևս քաղաքակիրթ կյանքին չեն վերադառնա։ Ծառերն ի վեր մագլցող կրակը լուսավորեց նրանց դեմքերը, և կարմիր բոցերն ընկան նրանց անտառե դղյակի ծառերի բների և տերևների վրա։ Երբ կերան տապակած մսի վերջին պատառը և սպիտակ հացի վերջին կտորը, տղաները գոհունակությամբ փռվեցին կանաչ խոտի վրա։ Նրանք կարող էին ավելի զով տեղ գտնել, բայց չէին ուզում իրենց զրկել այդքան ռոմանտիկ տեսարանից, ինչպիսին էր հանգչող կրակը։ | ||
+ | |||
+ | ― Հրաշալի է, չէ՞, ― ասաց Ջոն։ | ||
+ | |||
+ | ― Հրաշալի է, ― պատասխանեց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կասեին տղաները, եթե կարողանային մեզ տեսնել։ | ||
+ | |||
+ | ― Ինչ կասեի՞ն․ պարզապես նախանձից կմեռնեին, չէ՞, Հեքի։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ, ― ասաց Հեքլբերին, ― բոլոր դեպքերում ես գոհ եմ։ Սրանից լավ բան ինձ պետք չէ։ Ուտելու հարցում պահանջկոտ չեմ, հետո էլ այստեղ ոչ ոք չի գա, առանց պատճառի ինձ չի ծեծի, վատ խոսքեր չի ասի։ | ||
+ | |||
+ | ― Իմ ուզած կյանքն է, որ կա, ― ասաց Թոմը։ ― Ստիպված չես առավոտները շուտ վեր կենալ և ստիպված չես դպրոց գնալ, լվացվել ու անել մնացած բոլոր հիմարությունները։ Տեսնու՞մ ես, Ջո, ծովահենը, երբ ցամաք է դուրս եկել, անելու ոչինչ չունի, մինչդեռ ճգնավորը պարտավոր է բավական շատ աղոթքներ անել ու ոչ մի հաճույք չստանալ, միշտ մենակ լինել։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպես է, ― ասաց Ջոն, ― բայց, գիտե՞ս ինչ, ես այդ մասին երկար չեմ մտածել։ Այժմ, երբ փորձել եմ, նախընտրում եմ ծովահեն լինել, քան ճգնավոր։ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞մ ես, ― ասաց Թոմը, ― մեր օրերում մարդիկ ճգնավորներին շատ չեն հարգում, ինչպես նախկինում, մինչդեռ ծովահենը միշտ հարգված է։ Բացի այդ, ճգնավորը պարտավոր է քնել ամենակոշտ տեղերում, հագնել ցնցոտիներ, գլխին մոխիր ցանել, կանգնել անձրևի տակ և․․․ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս է ցնցոտիներ հագնում և գլխին մոխիր ցանում, ― հարցրեց Հեքը։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, բայց պարտավոր են այդպես անել։ Ճգնավորները միշտ այդպես են անում։ Պարտավոր ես, եթե ճգնավոր ես։ | ||
+ | |||
+ | ― Ես այդպես չէի անի, եթե լինեի, ― ասաց Հեքը։ | ||
+ | |||
+ | ― Հապա ի՞նչ կանեիր։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, բայց այդպես չէի անի։ | ||
+ | |||
+ | ― Բայց, Հեք, դու պարտավոր էիր․ հապա ինչպե՞ս կապրեիր։ | ||
+ | |||
+ | ― Ես պարզապես դրան չէի դիմանա։ Ես կփախչեի։ | ||
+ | |||
+ | ― Փախչել։ Դու լավ ճգնավոր կդառնայիր․ քեզ կնզովեին։ | ||
+ | |||
+ | Արյունոտ Ձեռքը չպատասխանեց, որովհետև զբաղված էր ավելի հետաքրքրական գործով։ Մաքրել էր մի ցողուն, ծխախոտով լցրել, իսկ այժմ կրակը կպցրած ծխի ամպ էր փչում դուրս։ Նա երանության մեջ էր։ Մյուս ծովահենները նախանձեցին նրա այս արքայական վայելքին և գաղտնի որոշեցին կարճ ժամանակում տիրապետել դրան։ Այդ պահին Հեքը հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ են անում ծովահենները։ | ||
+ | |||
+ | Թոմը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Նրանք պարզապես ուրախ կյանք են վարում․ նավեր են գրավում ու այրում, փողը վերցնում են, թաքցնում իրենց կղզու շատ գաղտնի վայրերում, որտեղ այդ իրերին հսկող ուրվականներ կան։ Ծովահենները սպանում են նավերի մեջ եղած բոլոր մարդկանց և ծովն են թափում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ կանանց տանում են կղզի, ― լրացրեց Ջոն։ ― Նրանք կանանց չեն սպանում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, կանանց չեն սպանում, ― հաստատեց Թոմը։ ― Նրանք շատ ազնիվ են, իսկ կանայք միշտ սիրուն են լինում։ | ||
+ | |||
+ | ― Եվ հագնում են ամենաշքեղ հագուստները։ Չէ՞։ Օ՜, ոսկու, արծաթի ու գոհարների մեջ լողում են, ― ասաց Ջոն ոգևորված։ | ||
+ | |||
+ | ― Ովքե՞ր, ― ասաց Հեքը։ | ||
+ | |||
+ | ― Ծովահենները։ | ||
+ | |||
+ | Հեքը շփոթված նայեց իր հագուստներին։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, որ ես ծովահենի հարմար հագուստներ չունեմ, ― ասաց նա տխրաձայն, ― բայց եթե բացի սրանից, ուրիշը չեմ ճարե՜լ։ | ||
+ | |||
+ | Տղաներն ասացին, որ գեղեցիկ հագուստներն շուտով կլինեն, երբ սկսեն իրենց արկածները։ Նրանք համոզեցին Հեքին, որ այդ հագուստները հարմար էին գործ սկսելու համար, թեև հարուստ ծովահենի համար սովորություն էր հարմար հանդերձանքով սկսել։ | ||
+ | |||
+ | Աստիճանաբար զրույցն ընդհատվեց, և քունն սկսեց իջնել փոքրիկ թափառականների աչքերին։ Ծխախոտն ընկավ Արյունոտ Ձեռքի մատների արանքից, և նա քնեց խիղճը հանգիստ ու հոգնած մարդու քնով։ Ծովերի Սարսափը և Իսպանական Ծովի Սև Վրիժառուն ավելի դժվար քնեցին։ Նրանք գաղտնի, պառկած աղոթեցին։ Դե՛, ոչ ոք չկար, որ նրանց ստիպեր ծունկի գալ և բարձրաձայն աղոթել։ Իրականում նրանք մտադիր էլ չէին աղոթել, բայց վախենում էին այդքան առաջ գնալուց, վախենում էին Երկնքի հանկարծական և հատու կայծակից։ Հետո անմիջապես հասան քնելու սահմանին, բայց նրանց տիրեց ինչ֊որ ներքին երկյուղ, որը չէր անցնում։ Դա խիղճն էր։ Նրանք սկսեցին տարտամ մի վախ զգալ, որ սխալ են վարվում տնից փախչելով, հետո մտածեցին գողացված մսի մասին, և իսկական տանջանքը պաշարեց նրանց։ Սկսեցին վիճել խղճի հետ, նրան հիշեցնելով, որ առաջներում էլ բազմիցս կարկանդակ և խնձոր են թռցրել։ Բայց խիղճը չէր հանգստանում, շատ թույլ համարելով այդ պատճառաբանությունները։ Նրանց ի վերջո թվում էր, որ կարկանդակ և խնձոր թռցնելը պարզապես թռցնել է, մինչդեռ խոզի միս և ուրիշ արժեքավոր բաներ վերցնելը՝ «գողություն» և դրա դեմ ավետարանում գրված պատվիրան կար։ Նրանք ներքնապես որոշեցին, որ քանի ծովահենությամբ են զբաղվում, երբեք գողությամբ չեն արատավորի ծովահենի պատիվը։ Խիղճը զինադադար կնքեց, և այս անհետևողական ու տարօրինակ ծովահենները խաղաղ քնեցին։ | ||
+ | |||
+ | ==Գլուխ XIV== | ||
+ | |||
+ | |||
+ | Առավոտյան, երբ Թոմն արթնացավ, չիմացավ, թե որտեղ է գտնվում։ Նստեց աչքերը տրորեց և նայեց շուրջը։ Հետո հասկացավ։ Զով ու գորշ առավոտ էր, և անտառը խորունկ անդորրի և լռության մեջ հանգիստ ու խաղաղ էր։ Ոչ մի տերև չէր շարժվում, ոչ մի ձայն չէր խանգարում բնության մտորումները։ Տերևների ու խոտերի վրա իջել էր մարգարտանման ցողը։ Կրակը ծածկված էր մոխրի սպիտակ շերտով, և ծխի կապույտ մի երիզ ուղիղ երկինք էր բարձրանում։ Ջոն ու Հեքը դեռ քնած էին։ Հեռվում, անտառի խորքում մի թռչուն ճչաց։ Մի ուրիշը պատասխանեց։ Լսվեց փայտփորիկի թխկթխկոցը։ Աստիճանաբար վաղորդյան կապույտ մշուշն սպիտակեց, ձայներն աստիճանաբար բազմապատկվեցին, և կյանքը ինքն իրեն զգացնել տվեց։ Քնից արթնացող և աշխատանքն սկսող բնության հրաշքը ծավալվում էր մտախոհ տղայի առջև։ Մարմնի երկու երրորդը օդում կախելով՝ մի կանաչ որդ եկավ շրջապատը չափելով և նորից առաջ գնալով։ Երբ որդը շարժվեց դեպի Թոմը, սա քարի պես անշարժ մնաց։ Տղայի ուրախությունը պակասում կամ ավելանում էր, նայած այդ արարածը իր կողմ էր գալիս, թե հեռանում։ Իսկ երբ, ի վերջո, իր ոլորապտույտ մարմնով օդում մեծ ճիգ գործ դնելով՝ որդը վճռականորեն բարձրացավ Թոմի ոտքի վրա ու սկսեց ոտքի վրայով ճանապարհորդել, տղան ամբողջ սրտով ցնծում էր։ Դա նշանակում էր, որ նա մի նոր զգեստ էր ունենալու․ անկասկած, ծովահենի մի շքեղ համազգեստ։ Այդ պահին, չգիտես որտեղից, երևաց մրջյունների մի թափոր և գործի անցավ։ Մեկն սկսեց քաջաբար քարշ տալ իրենից հինգ անգամ մեծ մի սատկած սարդ և ծառի բնով բարձրացնել վեր։ Սև բծերով զատիկը բարձրացավ մի ցողունի՝ իր համար սարսափելի բարձր ծայրը, և Թոմը թեքվեց դեպի այն և ասաց․ | ||
+ | |||
+ | Զատիկ, թռիր տուն, ուժ տուր թևերիդ, | ||
+ | |||
+ | Տունդ վառվում է, փրկիր ձագերիդ․․․ | ||
+ | |||
+ | Եվ զատիկը թևերը բացելով, թռավ ձագերին փրկելու։ Այդ բանը տղային շշմեցրեց։ Նա վաղուց գիտեր, որ այս միջատը դյուրահավատ է հրդեհի նկատմամբ։ Թոմը բազմիցս փորձել էր զատիկի պարզամտությունը։ Այնուհետև եկավ մի բզեզ՝ հազիվ քարշ տալով իր մարմինը, և Թոմը մատով կպավ, տեսնելու, թե ինչպես է դա ոտքերը ներս քաշելու և մեռած ձևանալու։ Մինչ այդ թռչունները բավական աղմկում էին։ Մի կատվաթռչուն, հյուսիսային ծաղրածուն, նստեց Թոմի գլխավերևը, և սկսեց հարևանների երգի տնազն անել։ Հետո կապույտ բոցի նման օդում երևաց ճայեկը և նստեց մի ճյուղի, որին Թոմի ձեռքը կհասներ, գլուխը թեքեց մի կողմի վրա և ագահ հետաքրքրությամբ նայեց օտարականներին։ Մի գորշ սկյուռ, նրա ետևից աղվեսանման մի ուրիշ գազանիկ սլանալով անցան։ Ժամանակ առ ժամանակ նստում էին, դիտում տղաներին և այդ մասին կարծիք փոխանակում, քանի որ այդ վայրի գազանիկները հավանաբար մարդիկ չէին տեսել և չգիտեին պետք է վախենա՞լ, թե ոչ։ Մինչ այդ ամբողջ բնությունը լրիվ արթնացել էր։ Արևի երկար նետերը տեղ֊տեղ ճեղքեցին խիտ սաղարթը, և մի քանի թիթեռնիկներ թռչկոտելով բեմ դուրս եկան։ | ||
+ | |||
+ | Թոմն արթնացրեց մյուս ծովահեններին, և բոլորն աղմուկով առաջ վազեցին։ Մի վայրկյանում մերկացան, ընկան իրար հետևից, սկսեցին միմյանց քաշքշել սպիտակ ավազի վրա և գոլ ջրի ծանծաղուտում։ Նրանք չէին կարոտում փոքրիկ քաղաքը, որ քնած էր հեռվում, արքայաբար տարածվող ջրի մյուս կողմում։ Մի ուժեղ հոսանք կամ գետի փոքր֊ինչ բարձացում քշել տարել էր նրանց լաստը, բայց տղաները դրանից գոհ մնացին, որովհետև դա նշանակում էր այրել նրանց և քաղաքակրթության միջև եղած կամուրջը։ | ||
+ | |||
+ | Տղաները ճամբար վերադարձան հրաշալիորեն թարմացած, ուրախ և սաստիկ սոված։ Շուտով բոցավառվեց ճամբարային խարույկը։ Հեքը մոտակայքում գտավ վճիտ, սառը ջրի մի աղբյուր, տղաները ընկուզենու և կաղնու լայն տերևներից բաժակներ սարքեցին, զգալով, որ ջուրը, անտառի վայրի գեղեցկությանը միացած, կարող է շատ լավ փոխարինել սուրճին։ Ջոն նախաճաշի համար սկսեց ապուխտ կտրատել, բայց Թոմը ու Հեքը ասացին, որ մի քիչ սպասի։ Գետափին գտան մի խոստումնալից անկյուն և այնտեղ գցեցին իրենց կարթերը։ Համարյա անմիջապես վարձատրվեցին։ Ջոն համբերությունը դեռ չէր կորցրել, երբ նրանք վերադարձան, հետները բերելով բավական քանակությամբ կարմրախայտ, մի քանի արևաձուկ և մի փոքր կատվաձուկ։ Այդ բոլորը բավական էր մի ամբողջ ընտանիքի։ Ձուկը ապուխտի հետ տապակեցին և զարմացան․ ոչ մի ձուկ, մինչ այդ, այդքան համեղ չէր թվացել։ Չգիտեին, որ ինչքան շուտ է գետի ձուկը կրակի վրա դրվում, այնքան համեղ է լինում, չէին մտածում, թե ինչ լավ համեմունք է բացօթյա կյանքը, լողանալը և մանավանդ քաղցը։ | ||
+ | |||
+ | Նախաճաշից հետո ստվերում պառկեցին մինչև Հեքը ծխեց, ապա գնացին անտառը հետախուզելու։ Նրանք ուրախ քայլում էին փտող ճյուղերի վրայով, անցնում թփուտների միջով, անտառի արքաների՝ մեծ ծառերի արանքով, որոնք վերից֊վար պատած էին վայրի խաղողի որթով։ Երբեմն հանդիպում էին կանաչ գորգով ծածկված և ծաղիկներով զարդարված հրաշալի անկյունների։ | ||
+ | |||
+ | Շատ բաներ գտան, որոնք ուրախացրին նրանց, բայց ոչ մի բան չզարմացրեց։ Գտան, որ կղզին մոտ երեք մղոն երկարություն և քառորդ մղոն լայնություն ունի, որ ամենամոտիկ ափը, կղզուց բաժանված է հազիվ երկու հարյուր յարդ լայնությամբ մի նեղուցով։ Համարյա ժամը մեկ լողանում էին, դրա համար էլ ճամբար վերադարձան հետմիջօրեին։ Սաստիկ սոված էին և չէին կարող ձկնորսություն անել, բայց մեծ ախորժակով սառը ապուխտ կերան, ապա ստվերում պառկեցին զրուցելու։ Շուտով զրույցը դանդաղեց, ապա բոլորովին դադարեց։ Անտառի լռությունը, հանդիսավորությունը և մենակության զգացումը սկսեցին ներգործել տղաների վրա։ Նրանք մտածմունքի մեջ ընկան։ Մի անբացատրելի թախիծ պատեց նրանց։ Այդ ի վերջո որոշակի դարձավ․ տան կարոտն էր։ Նույնիսկ Արյունոտ Ձեռք Ֆինը երազում էր պատշգամբներ ու դատարկ տակառներ։ Բայց բոլորն էլ ամաչում էին իրենց թուլության համար և ոչ մեկն այնքան քաջ չէր, որ իր մտածածի մասին խոսեր։ | ||
+ | |||
+ | Որոշ ժամանակ էր արդեն, ինչ տղաները, առանց ուշադրություն դարձնելու, հեռվից մի տարօրինակ ձայն էին լսում, ինչպես մարդիկ լսում են ժամացույցի թիքիթաքը, առանց անդրադառնալու դրան։ Բայց այժմ այդ խորհրդավոր ձայնը դարձավ ավելի շեշտված, ստիպեց լսել։ Տղաներն ականջ դրին և իրար նայեցին։ Մի երկարատև լռություն տիրեց, խորունկ ու անխախտ, հետո հեռվից լսվեց մի խուլ, ահեղ «բոմ»։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ է, ― հարցրեց Ջոն շշուկով։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում, ― պատասխանեց Թոմը շշուկով։ | ||
+ | |||
+ | ― Դա կարևոր չէ, ― ասաց Հեքլբերին ահաբեկված տոնով, ― որովհետև կայծակը․․․ | ||
+ | |||
+ | ― Լսիր, ― ասաց Թոմը, ― լսիր, մի խոսիր։ | ||
+ | |||
+ | Նրանք մի պահ սսկվեցին, որը նրանց մի դար թվաց, հետո նույն «բոմ»֊ը խանգարեց հանդիսավոր լռությունը։ | ||
+ | |||
+ | ― Գնանք տեսնենք։ | ||
+ | |||
+ | Նրանք վեր թռան և շտապեցին դեպի քաղաքի կողմի ափը։ Ետ տվեցին ափի թփերը և նայեցին ջրի մակերեսին։ Մի փոքր շոգենավ, որ ծառայում էր մի ափից մյուսը մարդիկ տեղափոխելու, քաղաքից մի մղոն ցածր, հոսանքով լողում էր։ Ընդարձակ տախտակամածը մարդկանցով լեցուն էր։ Բազմաթիվ մակույկներ, շոգենավը շրջապատած, գետի հոսանքով ցած էին իջնում, բայց տղաները չէին կարողանում հասկանալ, թե ինչ էին անում նավակների միջի մարդիկ։ Հանկարծ մի մեծ սպիտակ ծուխ դուրս թռավ շոգենավի կողքից և մինչ ծուլորեն տարածվում էր ու բարձրանում, նույն խուլ աղմուկը նորից լսվեց։ | ||
+ | |||
+ | ― Արդեն հասկացա, ― բացականչեց Թոմը, ― ինչ֊որ մեկը խեղդվել է։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, ― ասաց Հեքը, ― այդ նույն բանը արեցին անցյալ ամառ, երբ Բիլ Տերնըրը խեղդվել էր։ Ջրի վրա թնդանոթ արձակեցին․ դա խեղդվողին ստիպում է ջրի երեսը դուրս գալ։ Այո, վերցնում են նաև հաց ու արծաթ և գցում ջուրը։ Այնտեղ, ուր ջրահեղձ է լինում, հացն ու արծաթը կանգ են առնում։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդ մասին լսել եմ, ― ասաց Ջոն։ ― Բայց չեմ հասկանում, թե ինչից է, որ հացը կանգ է առնում։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ գլխավորը հացը չէ, ― ասաց Թոմը, ― ինձ թվում է, որ կարևորը հացի վրա, ջուրը գցելուց առաջ, ասված խոսքերն են։ | ||
+ | |||
+ | ― Բայց ոչ մի խոսք չեն ասում հացի վրա, ― ասաց Հեքը։ ― Ես տեսել եմ, ոչինչ չեն ասում։ | ||
+ | |||
+ | ― Տարօրինակ է, ― ասաց Թոմը, ― գուցե ցածր ձայնով են ասում, իրենք իրենց։ Անշուշտ ասում են։ Կարելի է իսկույն գլխի ընկնել։ | ||
+ | |||
+ | Մյուս տղաները համաձայնեցին, որ Թոմի ասածի մեջ տրամաբանություն կա, որովհետև հացի հասարակ կտորը, առանց կախարդանքի, չէր կարող խելացի կերպով գործել, երբ ուղարկվում էր այդքան լուրջ գործի համար։ | ||
+ | |||
+ | ― Է՜հ, ինչքան կուզեի այժմ այնտեղ լինել, ― ասաց Ջոն։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ, ― ասաց Հեքը։ ― Ամեն ինչ կտայի, իմանալու համար, թե ո՞վ է խեղդվել։ | ||
+ | |||
+ | Տղաները շարունակում էին նայել և լսել։ Հանկարծ Թոմի գլխում մի միտք ծագեց, նա բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Տղաներ, ես գիտեմ, թե ով է խեղդվել։ Այդ մենք ենք։ | ||
+ | |||
+ | Մի րոպեում նրանք իրենց հերոսներ զգացին։ Ահա մի հոյակապ հաղթանակ․ նրանց փնտրում էին, սգում, նրանց համար սրտեր էին ճմլվում, արցունքներ էին թափվում։ Գլուխ էին բարձրացրել տղաներին ցույց տրված անխիղճ վերաբերմունքը դատապարտող հիշողությունները և զղջման ու խղճի խայթի զգացմունքները։ Բայց, ամենակարևորը, ամբողջ քաղաքը խոսում է ջրահեղձների մասին, և բոլոր տղաները նախանձում են նրանց փառքին։ Դա հրաշալի էր։ Այս բանից հետո արժեր ծովահեն լինել։ | ||
+ | |||
+ | Երբ մթնշաղն իջավ, շոգենավը վերադարձավ իր սովորական աշխատանքին, իսկ մակույկները անհետացան։ Ծովահենները վերադարձան իրենց ճամբարը։ Նրանք սնափառությամբ հրճվում էին իրենց նոր մեծությամբ և այն գլխացավանքով, որ պատճառել էին։ Նրանք ձուկ որսացին, ընթրիք պատրաստեցին, կերան և սկսեցին գուշակել, թե ի՞նչ էր քաղաքը մտածում ու խոսում իրենց մասին։ Ընդհանուր վշտի նրանց պատկերացրած տեսարանները հաճելի էին։ Բայց գիշերվա խավարը գրկեց տղաներին, նրանք աստիճանաբար դադարեցին խոսել և սկսեցին սևեռուն նայել կրակին։ Մտովի, անկասկած, թափառում էին հեռուներում։ Քիչ առաջվա ուրախությունը անցել էր, և Թոմն ու Ջոն հիշում էին իրենց հարազատներին, որոնք հազիվ թե հաճույքով վայելեին այս չարաճճիության պտուղները։ Տարակուսանքը պաշարեց նրանց։ Իրենց անհանգիստ ու դժբախտ զգացին։ Նրանց շրթներից ակամա հառաչանքներ դուրս թռան։ Զգուշությամբ Ջոն միամտաբար հարցրեց, թե ի՞նչ են մտածում մյուսները քաղաքակրթության վերադառնալու մասին, անշուշտ, ոչ անմիջապես, այլ․․․ | ||
+ | |||
+ | Թոմը նրան ծաղրեց։ Հեքը, որ դեռևս մասնակից չէր այդ զգացումներին, Թոմի կողմն անցավ, և տատանվող Ջոն անմիջապես «բացատրեց», ուզեց արդարանալ։ Նա ուրախ էր, որ այդքան քչով ազատվեց վախկոտության և տան կարոտ քաշելու մեղադրանքից։ Ապստամբությունն այս անգամ ճնշվեց։ | ||
+ | |||
+ | Գիշերը խորացավ։ Հեքն սկսեց ննջել և ի վերջո խռմփացնել։ Ջոն հետևեց նրան։ Թոմը արմունկին հենված որոշ ժամանակ անշարժ պառկած էր և սևեռուն նայում էր մյուս երկուսին։ Հետո զգուշությամբ վեր կացավ ծնկների վրա, սկսեց կրակի լույսով խոտերի մեջ ինչ֊որ բան փնտրել։ Գտավ, զննեց կեչու կեղևի խողովակաձև կտորները, ի վերջո ընտրեց երկուսը, որոնք նրան հարմար թվացին։ Հետո կրակի մոտ ծունկի եկավ և դժվարությամբ յուրաքանչյուրի վրա ինչ֊որ բան գրեց։ Մեկը դրեց իր բաճկոնի գրպանը, իսկ մյուսը՝ Ջոյի գլխարկի վրա, որը նա տիրոջից մի փոքր հեռացրեց։ Նա գլխարկի մեջ դպրոցականի համար անգնահատելի արժեք ունեցող իրեր դրեց, կավճի մի կտոր, ռետինե գնդակ, երեք կարթ և մի գնդիկ, որ «մաքուր բյուրեղ» է կոչվում։ Հետո զգուշությամբ, ոտքի մատների վրա, գնաց ծառերի արանքով։ Երբ զգաց, որ անցել է լսելիության սահմանը, ամբողջ թափով վազեց դեպի ավազոտ ափը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XV== | ||
+ | |||
+ | |||
+ | Մի քանի րոպե անց Թոմը ծանծաղ ջրի մեջ էր ու գնում էր դեպի Իլինոյսի ափը։ Նախքան ջուրը մեջքին հասներ, նա կես ճանապարհն անցել էր։ Հոսանքը չէր թողնում ոտքով ավելի գնալ։ Նա սկսեց վստահորեն մնացած հարյուր յարդը լողալ։ Լողաց հոսանքի դեմ, բայց դեպի ներքև քշվեց ավելի արագ, քան սպասում էր։ Ի վերջո ափ հասավ և եզերքով իջավ, մինչև որ ցածրադիր տեղ գտավ ու դուրս եկավ։ Նա ձեռքը դրեց բաճկոնի գրպանի վրա և համոզվելով, որ կեղևի կտորը անվնաս է, գնաց ափի ուղղությամբ, անտառի միջով, ուշադրություն չդարձնելով շորերից կաթող ջրին։ Շուտով, ժամը տասից առաջ նա հասավ մի բաց տարածություն՝ քաղաքի դիմաց և տեսավ շոգենավը, որը բարձր ափի մոտ, ծառերի տակ կանգնած էր։ Ամեն ինչ խաղաղ էր փայլփլող աստղերի տակ։ Ուշադիր նայելով, նա ափից իջավ ջուրը, մի քանի քայլ լողաց և բարձրացավ այն նավակը, որը կապված էր շոգենավի ետևից։ Նա իրեն գցեց նավակի հատակին և սրտատրոփ սպասեց։ Լսվեց զանգակի խզված ձայնը, ու մեկը հրամայեց․ «Բաց թող»։ Մի քանի րոպե հետո շոգենավի կողը բարձրացավ նավակից վեր, և ճանապարհորդուցյունը սկսվեց։ Թոմը երջանիկ էր իր հաջողության համար․ գիտեր, որ շոգենավի այդ գիշերվա վերջին երթն էր։ Տասներկու կամ տասնհինգ երկարատև րոպեից հետո անիվները կանգ առան, և Թոմը նավակից դուրս սողալով, մթան մեջ լողաց դեպի ափը, դուրս գալով հիսուն յարդ այն կողմ, հավանական անցորդների տեսողությունից հեռու։ Նա գնաց անմարդ փողոցներով ու շուտով հայտնվեց մորաքրոջ տան ետևի ցանկապատի դիմաց։ Մագլցելով անցավ ցանկապատը և հյուրասենյակի լուսամուտից ներս նայեց, քանի որ այնտեղ լույս էր վառվում։ Նստած էին մորաքույր Պոլին, Մերին, Սիդը և Ջո Հարպըրի մայրը ու զրուցում էին։ Մահճակալի մոտ էին, իսկ մահճակալը նրանց ու դռան միջև էր։ Թոմը սողաց դեպի դուռը և զգուշությամբ փակը բացեց։ Հետո կամացուկ հրեց դուռը, որը ճռնչաց։ Նա շարունակեց զգուշությամբ հրել և յուրաքանչյուր ճռինչից ցնցվել, մինչև որոշեց, որ կարող է ծնկաչոք անցնել։ Նա գլուխը մտցրեց ու սկսեց զգուշությամբ առաջ գնալ։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ց է մոմի լույսը այդպես երերում, ― ասաց մորաքույր Պոլին։ Թոմը շտապեց սողալ․ ― երևի դուռը բաց է, օ՜, անշուշտ։ Տարօրինակ դեպքերին վերջ չկա։ Սիդ, գնա դուռը ծածկիր։ | ||
+ | |||
+ | Թոմը ճիշտ ժամանակ անհետացավ մահճակալի տակ։ Նա մի առժամանակ ազատ շունչ քաշեց, այնուհետև սողաց առաջ, որտեղից կարող էր համարյա կպչել մորաքրոջ ոտքերին։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես ասում էի, ― ասաց մորաքույր Պոլին, ― նա վատը չէր, միայն, այսպես ասած, չարաճճի էր, պարզապես հեղեղուկ, գլխում քամիներ։ Մտրուկի պես իր արածի համար պատասխանատվություն չէր զգում։ Նա երբեք վատություն չէր ուզում անել և ամենամաքուր սիրտ ունեցող տղան էր, ― մորաքույրը սկսեց լաց լինել։ Աստված թող ինձ ների, ես նրան իզուր նեղացրի սերուցքը վերցնելու համար, չմտածելով, որ դա թթված էր և ինքս դուրս թափեցի։ Էլ երբեք չեմ տեսնի նրան այս աշխարհում, երբեք, երբեք, իմ խեղճ երեխա։ ― Եվ տիկին Հարպըրը սկսեց նույնպես լաց լինել․ կարծես սիրտը կտոր֊կտոր էր լինում։ | ||
+ | |||
+ | ― Ես հույս ունեմ, որ նա երկնքում այժմ իրեն լավ է զգում, ― ասաց Սիդը, ― բայց եթե որոշ տեսակետից իրեն այստեղ լավ պահեր․․․ | ||
+ | |||
+ | ― Սիդ, ― Թոմն զգաց ծեր կնոջ աչքերի հայացքը, թեև չէր կարող տեսնել։ ― Ոչ մի խոսք իմ Թոմի մասին, երբ նա արդեն մեկնել գնացել է այս աշխարհից։ Աստված կհոգա նրա մասին, հանգիստ կաց։ Օ՜հ, տիկին Հարպըր, չգիտեմ՝ ինչպե՞ս մոռանամ նրան, չգիտեմ՝ ինչպե՞ս մոռանամ։ Նա այնպիսի մխիթարանք էր ինձ համար, թեև, ընդհանրապես, տանջում էր իմ խեղճ սիրտը։ | ||
+ | |||
+ | ― Աստված տվեց և աստված առավ, օրհնյալ լինի աստծո կամքը։ Բայց շատ ծանր է, օ՜, շատ ծանր է։ Դեռ անցյալ շաբաթ իմ Ջոն խաղալիք֊ատրճանակով կրակեց քթիս տակ, և ես այնպես շրխկացրի, որ գետին ընկավ։ Այդ ժամանակ ես չգիտեի, թե շուտով․․․ Է՜հ, եթե մի անգամ էլ աներ, ես նրան կհամբուրեի ու կօրհնեի դրա համար։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո, գիտեմ, թե ինչ ես զգում, տիկին Հարպըր։ Ես լավ գիտեմ, թե ինչ ես զգում։ Դեռ երեկ կեսօրին իմ Թոմը կատվի բերանը «ցավ կտրող» դեղ լցրեց, և ես կարծեցի, թե այդ արարածն ամբողջ տունն իրար է խառնելու։ Եվ աստված թող ինձ ների, ես մատնոցով խփեցի Թոմի գլխին։ Խեղճ երեխա, իմ խեղճ մեռած տղա։ Բայց այժմ վերջացան նրա բոլոր չարությունները։ Եվ վերջին խոսքը, որը նա ինձանից լսեց, հանդիմանությունն էր։ | ||
+ | |||
+ | Այս հիշողությունը չափազանց ծանր էր ծեր տիկնոջ համար, և նա դառնորեն լաց եղավ։ Թոմը նույնպես լաց էր լինում։ Նա ինքն իրեն ավելի էր խղճում, քան որևէ մեկը։ Նա լսում էր Մերիի լացը և մեկ֊մեկ իր մասին նրա ասած քնքուշ խոսքերը։ Սկսեց իր մասին ավելի լավ կարծիք կազմել։ Մորաքրոջ վիշտը նրան շատ հուզեց, և նա ուզեց դուրս թռչել անկողնու տակից ու խեղճ պառավին երջանկացնել։ Այդ տեսարանի թատերական հոյակապությունը չափազանց գրավիչ էր, բայց տղան դիմադրեց և անշարժ պառկեց։ Նա շարունակեց լսել ու կցկտուր խոսքերից սկզբում իմացավ, որ իրենք՝ տղաները, լողանալիս խեղդվել էին։ Հետո փոքր լաստը կորել էր։ Հետո էլ մի քանի տղաներ ասել էին, թե կորածները նախազգուշացրել էին, թե քաղաքը շուտով մի բան պետք է լսի։ Խելացի գլուխներն ի մի էին բերել այդ բոլորը և որոշել, որ տղաները լաստով հեռացել են և շուտով հաջորդ քաղաքից ետ կուղարկվեն։ Բայց կեսօրվա մոտ լաստը գտնվել էր քաղաքից հինգ թե վեց մղոն ցածում, Միսուրիի ափին, և հույսը մարեց։ Պետք է խեղդված լինեն, այլապես քաղցը նրանց տուն քշած կլիներ երեկոյան, եթե ոչ ավելի շուտ։ Համոզված էին, որ դիակների որոնումը անօգուտ էր, որովհետև ջրահեղձությունը ջրանցքի կենտրոնում պետք է եղած լիներ, և լավ լողորդներ լինելով, կարող էին ափ դուրս գալ։ Այսօր չորեքշաբթի գիշեր էր։ Եթե մարմինները մինչև կիրակի չգտնվեն, ամեն հույս պետք էր կորած համարել և առավոտյան հոգեհանգիստ կատարել։ Թոմը սարսռաց։ | ||
+ | |||
+ | Միսիս Հարպըրը արտասվելով բարի գիշեր մաղթեց ու շուռ եկավ գնալու։ Հետո, ներքին նույն մղումով երկու որդեկորույս մայրերը իրար գիրկ նետվեցին և կուշտ լաց եղան ու մխիթարվելով բաժանվեցին։ Մորաքույր Պոլին շատ ավելի քնքուշ էր, երբ Սիդին ու Մերիին բարի գիշեր էր մաղթում։ Սիդը մի փոքր հեկեկաց, և Մերին հեկեկալով հեռացավ։ | ||
+ | |||
+ | Մորաքույր Պոլին ծունկի եկավ և Թոմի համար աղոթեց այնպես հուզիչ, այնպես աղերսական ձևով, այնպիսի դողացող ձայնով, բառերի մեջ դնելով անսահման սիրո այնպիսի խոսքեր, որ նորից սկսեց արտասվել, թեև աղոթքը դեռ չէր ավարտել։ | ||
+ | |||
+ | Նրա պառկելուց հետո երկար ժամանակ Թոմն ստիպված էր մահճակալի տակ մնալ, որովհետև մորաքույրը շարունակ շուռումուռ էր գալիս, հազում և երբեմն֊երբեմն խորտակված սրտով հառաչում։ Բայց ի վերջո նա անշարժացավ, միայն քնի մեջ երբեմն տնքում էր։ Այդ ժամանակ Թոմը դուրս եկավ մահճակալի տակից, դանդաղ ոտքի կանգնեց մահճակալի կողքին և ձեռքով մոմի լույսը ծածկելով, նայեց նրան։ Թոմի սիրտը նրա նկատմամբ խղճահարությամբ լցվեց։ Նա գրպանից հանեց կեղևը և դրեց մոմի կողքին։ Բայց մի բան հիշեց ու սկսեց մտածել։ Նրա դեմքը փայլեց իր մտածած երջանիկ լուծումից։ Նա արագ գրպանը դրեց կեղևը, համբուրեց մորաքրոջ թառամած շրթունքները և անմիջապես անձայն դուրս եկավ, դուռը ետևից ծածկելով։ | ||
+ | |||
+ | Նա վերադարձավ նավահանգիստը և ոչ ոքի չգտնելով այնտեղ, համարձակ նավակ բարձրացավ․ գիտեր, որ բացի պահակից (սա էլ շարունակ լինում էր խցում և քնում արձանի նման), այդտեղ ուրիշ մարդ չէր լինի։ Նա արձակեց մակույկը, ներս սողաց և սկսեց զգուշությամբ թիավարել հոսանքն ի վեր։ Երբ քաղաքից մի մղոն բարձրացել էր, կտրեց անցավ հոսանքը և հասավ դիմացի նավահանգիստը։ Այդ բոլորը նրա համար սովորական գործ էր։ Նա շատ էր ուզում յուրացնել նավակը, պատճառաբանելով, թե մակույկը կարելի էր նավի տեղ ընդունել և ծովահենների օրինական ավար համարել, բայց իմանալով, որ մակույկի համար լուրջ խուզարկություն կկատարվի և հայտնաբերումներ կլինեն, հրաժարվեց։ Թոմն ափ դուրս եկավ և անտառ մտավ։ Նստեց ու երկար հանգստացավ, միևնույն ժամանակ աշխատելով չքնել։ Այնուհետև հոգնած ճանապարհ ընկավ իր ընկերների մոտ։ Գիշերը սպառված էր․ երբ հասավ կղզու դիմացի ափը, լրիվ լուսացել էր։ Նա նորից հանգստացավ, մինչև արևը բարձրացավ և ոսկեզօծեց մեծ գետը, այնուհետև ջուրը մտավ և մի քիչ հետո, թրջված, կանգ առնելով ճամբարի մոտ, լսեց Ջոյի խոսքերը․ | ||
+ | |||
+ | ― Ոչ, Թոմը հավատարիմ է, Հեք, և կվերադառնա։ Նա չի դասալքի։ Գիտե, որ դասալքությունը ամոթ է ծովահենի համար, և Թոմը շատ հպարտ է այդպիսի բան անելու համար։ Նա ինչ֊որ բանի ետևից կլինի ընկած, բայց թե ինչի, չգիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ իրերը այնուամենայնիվ մերն են, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Համարյա թե, բայց դեռևս ոչ, Հեք։ Դրությունն ասում է, որ դրանք մերն են, եթե մինչև նախաճաշ չվերադառնա։ | ||
+ | |||
+ | ― Ահա և ինքը, ― բացականչեց Թոմը դրամատիկական հրաշալի ձևով ու ներս ընկավ ճամբար, գործելով փառահեղ տպավորություն։ | ||
+ | |||
+ | Շուտով նրանք ձկով ու ապուխտով նախաճաշ արեցին։ Մինչ տղաներն այդ գործով էին զբաղված, Թոմը պատմեց (առանց չափազանցնելու) իր արկածները։ Երբ պատմությունն ավարտվեց, նրանք իրենց համարում էին հերոսների մի սնափառ խումբ։ Այնուհետև Թոմը ստվերում քնեց մինչև կեսօր, իսկ մյուս ծովահենները պատրաստվեցին ձուկ որսալու և կղզին հետախուզելու։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XVI== | ||
+ | |||
+ | |||
+ | Ճաշից հետո ամբողջ խումբը գնաց գետափ՝ կրիայի ձու փնտրելու։ Նրանք գնում էին փայտերը ավազին խփելով և երբ փափուկ տեղ էին գտնում, ծնկի էին գալիս և ձեռքերով փորում։ Պատահում էր, որ մի փոսից հիսունից֊վաթսուն ձու էին հանում։ Դրանք կլոր, սպիտակ, անգլիական ընկույզից փոքրիկ բաներ էին։ Այդ երեկո նրանք խաշած ձվով հրաշալի ընթրիք պատրաստեցին, մի նախաճաշ էլ՝ ուրբաթ առավոտյան։ Նախաճաշից հետո սկսեցին իրար վրայով ցատկոտել ավազի վրա և իրար ետևից վազելիս շորերը հանել, մինչև որ լրիվ մերկացան, ապա խաղերն ու կատակները շարունակվեցին ջրում, կռվելով ուժեղ հոսանքի դեմ, որը երբեմն քշում էր նրանց, ոտքերը կտրում գետնից և դրանով ավելացնում հաճույքը։ Երբեմն երեքով կանգնում էին և ձեռքի ափով իրար վրա ջուր շաղ տալիս։ Շուռ տված դեմքերով աստիճանաբար իրար էին մոտենում, որպեսզի հեռու լինեին ջրի հարվածից, ի վերջո իրար էին կպչում և փաթաթվելով, պայքարում մինչև որ ուժեղը ջրի մեջ էր սուզում թույլին։ Ապա երեքով սուզվում էին ձեռքերն ու ոտքերը իրար սեղմած և դուրս էին գալիս փնչացնելով, հևալով, ծիծաղելով, թքելով, ագահորեն շունչ քաշելով։ | ||
+ | |||
+ | Երբ լրիվ ուժասպառ էին լինում, վազում էին, մեկնվում չոր, տաք ավազի վրա, ավազով ծածկվում, ապա նորից ջուրը նետվում, շարունակում նույնը։ Ի վերջո, նրանց թվաց, որ իրենց սևացած մաշկը ոչնչով չի տարբերվում իրենց զգեստներից։ Ավազի վրա շրջանակ գծեցին և կրկես սարքեցին, որն ուներ երեք ծաղրածու, ոչ մեկը այդ նախանձելի դերը չէր զիջում հարևանին։ | ||
+ | |||
+ | Այնուհետև հանեցին իրենց մարմարյա գնդիկները և դրանցով տարբեր ձևի խաղեր խաղացին, մինչև դա էլ ձանձրալի դարձավ։ Հետո Ջոն ու Հեքը մի անգամ էլ լողացին, իսկ Թոմը չփորձեց․ նկատել էր, որ շալվարը հանելիս կորցրել էր ծնկին կապած բոժոժավոր օձի համայեկը և զարմացավ, թե ինչպես ինքը խուսափել էր հաշմանդամ լինելուց առանց այդ խորհրդավոր հուռութքի։ Նա նորից չհամարձակվեց ջուրը մտնել մինչև գտնելը, իսկ երբ գտավ, մյուս տղաներն արդեն հոգնել էին և պառկել հանգստանալու։ Նրանք կամաց֊կամաց ցրվեցին և ընկնելով թախծի գիրկը, սկսեցին կարոտով նայել լայն գետից այն կողմը, որտեղ արևով ողողված քաղաքն էր։ Թոմը հանկարծ տեսավ, որ ինքը բթամատով ավազի վրա «Բեքի» է գրում։ Ջնջեց ու թուլության համար ինքն իր վրա բարկացավ։ Բայց, այնուհետև, նորից գրեց։ Ուրիշ կերպ չէր կարող։ Նորից ջնջեց և գայթակղությունից հեռու մնալու համար սկսեց տղաներին նկարել։ Հետո միացավ նրանց։ | ||
+ | |||
+ | Բայց Ջոյի տրամադրությունը անդառնալիորեն ընկել էր։ Նա այնքան էր կարոտում իրենց տունը, որ հազիվ էր դիմանում։ Արցունքները շատ մոտ էին թափվելու։ Հեքը նույնպես թախծոտ էր։ Թոմը ճնշված էր, բայց փորձում էր ցույց չտալ։ Նա մի գաղտնիք ուներ, բայց դեռևս չէր ուզում ասել։ Բայց եթե այս ապստամբությամբ լի ընկճվածությունը շուտով չանցներ, ստիպված պիտի լիներ այն մեջտեղ բերել։ Իրեն շատ ուրախ ցույց տալով, նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Տղաներ, գրազ կգամ, որ այս կղզում նախկինում ծովահեններ են եղել։ Մենք այն նորից կխուզարկենք։ Նրանք մի տեղ պահած կլինեն գանձը։ Ի՞նչ կասեք, եթե մի փտած սնդուկ գտնենք ոսկով ու արծաթով լեցուն։ | ||
+ | |||
+ | Բայց այդ խոսքը շատ թույլ ոգևորություն առաջացրեց, որը հանգավ՝ անպատասխան մնալով։ Թոմը մի քանի ուրիշ գրավիչ բաներ էլ ասաց, բայց հաջողություն չունեցավ։ Հուսահատեցուցիչ գործ էր։ Ջոն նստել էր, գավազանով ավազն էր փորում և նայում շատ մռայլ։ Ի վերջո նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Է՛հ, տղաներ, եկեք վերջ տանք։ Ես ուզում եմ տուն գնալ։ Շատ տխուր է այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Է՜, ո՛չ։ Ջո, դու կամաց֊կամաց կընտելանաս ու քեզ ավելի լավ կզգաս, ― ասաց Թոմը, ― հապա մտածիր, թե ինչ արժե այստեղի ձկնորսությունը։ | ||
+ | |||
+ | ― Ինձ ոչ մի ձկնորսություն պետք չէ։ Ուզում եմ տուն գնալ։ | ||
+ | |||
+ | ― Բայց, Ջո, լողանալու համար ավելի լավ տեղ չկա։ | ||
+ | |||
+ | ― Լողանալն ի՞նչ է որ․․․ Ինձ այլևս դուր չի գալիս, երբ ոչ ոք չկա, որ ինձ արգելի։ Ուզում եմ տուն գնալ։ | ||
+ | |||
+ | ― Է՜հ, երեխա։ Երևի ուզում ես մայրիկիդ տեսնել։ | ||
+ | |||
+ | ― Այո, ուզում եմ մորս տեսնել։ Դու էլ կուզենայիր, եթե մայր ունենայիր։ Ես քեզնից պակաս տղա չեմ։ ― Եվ Ջոն քիթը վեր քաշեց։ | ||
+ | |||
+ | ― Լավ, կթողնենք, որ լացկան երեխան գնա տուն, մոր մոտ, չէ՞, Հեք։ Խեղճ երեխա, ուզում է մորը տեսնել։ Թող այդպես լինի։ Քեզ այստեղ դուր է գալիս, չէ՞ Հեք։ Մենք կմնանք, չէ՞։ | ||
+ | |||
+ | Հեքը «այո» ասաց, առանց այդ խոսքի մեջ սիրտ դնելու։ | ||
+ | |||
+ | ― Այլևս չեմ խոսի ձեզ հետ, ինչքան ապրեմ, ― ասաց Ջոն վեր կենալով։ ― Այդպես էլ իմացեք։ ― Եվ նա մռայլ հեռացավ ու սկսեց հագնվել։ | ||
+ | |||
+ | ― Շատ հոգս է, ― ասաց Թոմը։ ― Ոչ ոք քեզ չի ստիպում։ Տուն գնա և թող վրադ ծիծաղեն։ Օ՜, հրաշալի ծովահեններ են։ Հեքը և ես լացկան երեխաներ չենք։ Մենք կմնանք, չէ՞, Հեք։ Թող գնա, եթե ուզում է։ Ես կարծում եմ, որ առանց նրա էլ յոլա կգնանք։ | ||
+ | |||
+ | Բայց Թոմը տեսնելով Ջոյին մռայլ դեմքով հագնվելիս, անհանգստուցյուն ու տագնապ զգաց։ Առավել անհանգստացուցիչ էր Հեքին տեսնելը, որ Ջոյի պատրաստություններին նայում էր տխրությամբ և այդպես տրտում լսում էր։ Ջոն առանց «մնաք բարով» ասելու շարժվեց դեպի Իլինոյսի ափը։ Թոմի սիրտը փուլ եկավ։ Նա նայեց Հեքին։ Հեքը չդիմացավ այդ հայացքին և աչքերը գետին հառեց, հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ ուզում գնալ, Թոմ, մի տեսակ ձանձրալի է դառնում, իսկ այժմ ավելի վատ է լինելու։ Մենք էլ գնանք, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ գնա, եթե ուզում եք, երկուսդ էլ կարող եք գնալ։ Ես մնում եմ։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ավելի լավ է ես գնամ։ | ||
+ | |||
+ | ― Լավ, գնա, ո՞վ է արգելում։ | ||
+ | |||
+ | Հեքը սկսեց իր ցաքուցրիվ եղած հագուստները հավաքել։ Նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ուզում եմ, որ դու էլ գաս։ Դե՛, լավ մտածիր։ Մենք քեզ ափին կսպասենք։ | ||
+ | |||
+ | ― Ստիպված կլինեք շատ երկար սպասել։ Վե՛րջ։ | ||
+ | |||
+ | Հեքը տխրությամբ հեռացավ։ Թոմը նայեց նրա հետևից, սաստիկ ցանկանալով հպարտությունը դեն գցել և նույնպես գնալ։ Դեռ հույս ուներ, թե տղաները կանգ կառնեն, բայց նրանք դանդաղորեն առաջ շարժվեցին։ Հանկարծ Թոմին թվաց, որ շրջապատը անսովոր տխուր ու լուռ դարձավ։ Մի վերջին անգամ նա պայքարեց իր հպարտության դեմ, հետո վազեց ընկերների հետևից՝ գոչելով․ | ||
+ | |||
+ | ― Սպասեք, սպասեք, ուզում եմ մի բան ասել։ | ||
+ | |||
+ | Նրանք անմիջապես կանգնեցին և շուռ եկան։ Տեղ հասնելով, Թոմը պատմեց իր գաղտնիքները։ Նրանք խոժոռված լսեցին, մինչև հասկացան, թե խոսքը ինչի մասին է։ Հետո ուրախությունից մարտական կանչեր արձակեցին, ասելով, թե «հրաշալի» միտք է, և եթե նախապես ասեր, նրանք ճանապարհ չէին ընկնի։ Թոմը ներողություն խնդրեց, բայց իրականում վախենում էր, որ նույնիսկ այդ գաղտնիքը նրանց իր մոտ երկար չէր պահի և թաքցրել էր այն որպես վերջին հրապուրանք։ | ||
+ | |||
+ | Տղաներն ուրախ վերադարձան և սկսեցին նորից հաճույքով խաղալ, ամբողջ ժամանակ խոսելով Թոմի անսովոր ծրագրի մասին ու հիանալով նրա հանճարով։ Ձվով ու ձկով համեղ ճաշից հետո Թոմն ասաց, որ ուզում է ծխել սովորել։ Ջոյին այդ միտքը դուր եկավ և ասաց, որ ինքն էլ է ուզում փորձել։ Հեքը ծխամորճեր պատրաստեց և լցրեց։ Այս երկու սկսնակները մինչև այդ ծխել էին միայն խաղողի տերևից սարքած սիգարներ, բայց դրանք լեզուն «կծում» էին և տղամարդկային չէին համարվում։ | ||
+ | |||
+ | Արմունկների վրա հենված՝ սկսեցին խնամքով ու անվստահ ծխել։ Ծուխը տհաճ համ ուներ, և տղաներն իրենց մի քիչ վատ զգացին։ Բայց Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այնքան հեշտ բան է։ Եթե իմանայի, որ այդպես հեշտ է, վաղուց սովորած կլինեի։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ, ― ասաց Ջոն։ ― Հասարակ բան է։ | ||
+ | |||
+ | ― Քանի՜֊քանի՜ անգամ նայել եմ ծխող մարդկանց և մտածել․ երանի՛ կարողանայի սրանց նման ծխել։ Բայց երբեք չեմ կարծել, թե կարող եմ, ― ասաց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Ինձ հետ էլ նույնն է եղել, չէ՞, Հեք։ Ինձնից էլ նույնն ես լսել, չէ՞, Հեք։ Թող Հեքն ասի, թե ստում եմ։ | ||
+ | |||
+ | ― Այո, շատ անգամ ասել է, ― հաստատեց Հեքը։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ ասել, ― ասաց Թոմը, ― հարյուրավոր անգամներ։ Մի անգամ սպանդանոցի մոտ, չե՞ս հիշում, Հեք։ Բոբ Տանները այնտեղ էր, ինչպես նաև Ջոնի Միլերը և Ջեֆ Թեչըրը։ Չե՞ս հիշում, Հեք, թե ինչ ասացի։ | ||
+ | |||
+ | ― Այո, ճիշտ է, ― ասաց Հեքը։ ― Դա այն օրն էր, երբ ես իմ սպիտակ գնդիկը կորցրի։ Ո՛չ, դրա նախորդ օրն էր։ | ||
+ | |||
+ | ― Տեսա՞ր, Հեքը հիշում է, ― ասաց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Ես կարծում եմ, որ ամբողջ օրը կարող եմ այս ծխամորճը ծխել, ― ասաց Ջոն։ ― Ինձ վատ չեմ զգում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ էլ ես, ― ասաց Թոմը։ ― Կարող եմ ամբողջ օրը ծխել, բայց գրազ կգամ, որ Ջեֆ Թեչըրը չի կարող։ | ||
+ | |||
+ | ― Ջեֆ Թեչը՞րը։ Որ երկու անգամ ծուխը ներս քաշի, կմեռնի։ Թող մի անգամ փորձի, կիմանա։ | ||
+ | |||
+ | ― Գրազ կգամ, որ չի կարող։ Ոչ էլ Ջոնի Միլլերը։ Կուզենայի մի անգամ տեսնել, թե ինչպես է նա ծխում։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ, ― ասաց Ջոն։ ― Գրազ կգամ, որ Ջոնի Միլլերը ոչ մի բան էլ չի կարող անել, ուր մնաց սա։ Մի քիչ որ ծուխ ներս քաշի, ցած կընկնի։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, Ջո։ Լսիր, կուզենայի, որ տղաները մեզ այժմ տեսնեին։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ։ | ||
+ | |||
+ | ― Լսեք տղաներ, այս մասին ոչ մի խոսք մի ասեք, և մի անգամ, երբ բոլորը հավաքված լինեն, ես քեզ մոտ կգամ և կասես․ «Ջո, ծխամորճ ունե՞ս, ուզում եմ ծխել»։ Իսկ դու կպատասխանես մի տեսակ անտարբեր ձևով, իբր դա հասարակ բան լինի․ «Այո, ծխամորճս մոտս է և մի ուրիշն էլ, բայց ծխախոտը լավը չէ»։ Իսկ ես կասեմ․ «Ոչինչ, եթե թունդ է»։ ― Հետո դու կհանես ծխամորճդ, և մենք կվառենք, իբր դա շատ սովորական բան է։ Այդ ժամանակ նայիր նրանց։ | ||
+ | |||
+ | ― Է՜, դա հրաշալի բան կլինի, Թոմ։ Կուզենայի, որ դա հենց հիմա լիներ։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ։ Հետո մենք նրանց կասենք, որ սովորել ենք մեր ծովահեն եղած ժամանակ։ Չե՞ն ուզենա, որ մեզ հետ լինեին։ | ||
+ | |||
+ | ― Չեմ էլ կասկածում։ Գրազ կգամ, որ կուզենան։ | ||
+ | |||
+ | Այդպես շարունակվեց զրույցը, բայց շուտով կաշկանդվեց, դարձավ անկապ։ Լուռ պահերը երկարեցին, թքելը շատացավ։ Տղաների բերանը դարձավ աղբյուր․ հազիվ էին հասցնում իրենց լեզվի տակը մաքրել, որ հեղեղի առաջը առնեն։ Հակառակ նրանց բոլոր ջանքերին, կոկորդները լցվում էին, սրտները՝ խառնում։ Երկու տղաներն էլ սաստիկ գունատվել էին և շատ խղճալի տեսք ունեին։ Ջոնի թուլացած մատներից ծխամորճն ընկավ։ Դրան հետևեց Թոմի ծխամորճը։ Երկու աղբյուրները շարունակում էին ուժգնությամբ հորդել, երկու ջրհանները ամբողջ ուժով ու կարողությամբ աշխատում էին։ Ջոն շատ թույլ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դանակս կորցրել եմ։ Ավելի լավ է գնամ փնտրեմ։ | ||
+ | |||
+ | Թոմը դողացող շրթունքներով և ընդհատվող ձայնով արձագանքեց․ | ||
+ | |||
+ | ― Ես քեզ կօգնեմ։ Դու այս կողմով գնա, իսկ ես աղբյուրի մոտ կփնտրեմ։ Դու մի արի, Հեք, մենք կգնանք։ | ||
+ | |||
+ | Հեքը տեղը նստեց և մի ժամ սպասեց։ Հետո ձանձրացավ և գնաց ընկերներին գտնելու։ Նրանց գտավ անտառում, իրարից հեռու․ երկուսն էլ գունատ էին և խոր քնած։ Նա զարմացավ, բայց հասկացավ, որ եթե տղաները որևէ պատճառով իրենց վատ են զգացել, ապա դա անցել է։ | ||
+ | |||
+ | Այդ երեկո ընթրիքին տղաները շատ չէին խոսում․ մի տեսակ խեղճացած էին, երբ Հեքը ճաշից հետո պատրաստեց իր ծխամորճը և ուզում էր նրանց համար պատրաստել, նրանք հրաժարվեցին, ասելով, թե իրենց վնասել է։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XVII== | ||
+ | |||
+ | |||
+ | Կեսգիշերվա մոտ Ջոն արթնացավ և տղաներին կանչեց։ Օդում կանգնած էր ինչ֊որ ճնշող տոթ, որը լուրջ բան էր գուշակում։ Տղաները իրար մոտ եկան ու զգացին կրակի հաճելի ընկերությունը, թեև անշունչ մթնոլորտը հեղձուցիչ էր։ Նրանք նստել և սպասում էին։ Կրակի լույսից այն կողմ ամեն ինչ կուլ էր գնացել խավարի սևությանը։ Հանկարծ ինչ֊որ փայլ անորոշ կերպով լուսավորեց շրջապատը և անհայտացավ։ Շուտով մի ուրիշը փայլեց ավելի ուժեղ։ Հետո մի ուրիշը։ Մի թույլ հառաչանք անցավ անտառի ծառերի միջով, և տղաներն իրենց այտերին ինչ֊որ շունչ զգացին, դողացին, մտածելով, որ «գիշերվա ոգին» անցավ կողքով։ Մի փոքր դադար եղավ։ Հանկարծ կայծակի մի չարագուշակ փայլ գիշերը ցերեկ դարձրեց և ցույց տվեց յուրաքանչյուր ցողունը, իրարից անջատ ու տարբեր, որ աճում էին իրենց ոտքերի տակ, և երեք գունատ, վախեցած դեմքեր։ Երկնքով որոտաձայն անցավ ամպրոպը և կորավ՝ հեռվում արձագանքելով։ Սառը քամի փչեց, խշրտացնելով բոլոր տերևներն ու խոտերի վրա շաղ տվեց սպիտակ մոխիրը։ Մի ուրիշ ուժեղ բռնկումից լուսավորվեց անտառը։ Դրան հետևեց վայրկենական մի անկման աղմուկ, որը կարծես ծառերը շուռ էր տալիս ուղիղ տղաների գլխին։ Նրանք սարսափահար իրար սեղմվեցին հաջորդող խոր մթության մեջ։ Անձրևի խոշոր կաթիլները սկսեցին ընկնել տերևների վրա։ | ||
+ | |||
+ | ― Շտապեք, տղաներ, դեպի վրանը, ― բացականչեց Թոմը։ Տարբեր ուղղություններով, արմատների կպչելով և որթատունկերի արանքով մթության մեջ նրանք առաջ վազեցին։ Մի սարսափելի փոթորիկ ոռնաց ծառերի արանքում, ստիպելով, որ իր ճանապարհին ամեն ինչ երգի։ Փայլատակող կայծակները հաջորդում էին մեկը մյուսին, և խլացուցիչ որոտներ էին լսվում։ Եվ ահա սկսվեց հեղեղանման անձրևը։ Փոթորիկը տերևների միջով անձրևի հոսանքը գետին էր հասցնում։ Տղաներն իրար կանչեցին, բայց ոռնացող քամին և պայթող ամպրոպը նրանց ձայնը խլացրեց։ Ի վերջո, իրար ետևից նրանք տեղ հասան ու պատսպարվեցին վրանի տակ՝ մրսած, վախեցած ու թրջված, բայց գոհ էին, որ թշվառության մեջ միասին էին, ընկերներով։ Նրանք չէին կարողանում խոսել։ Հին առագաստը այնպես կատաղի էր թափահարվում, որ եթե նույնիսկ մյուս ձայները չլինեին, նրանք իրար լսել չէին կարողանա։ Փոթորիկը գնալով սաստկացավ։ Հանկարծ առագաստը պատռվեց իր ամրացված տեղերից և քամու հետ թևեր առավ, թռավ։ Տղաներն իրար ձեռք բռնեցին և շարունակ վայր ընկնելով ու իրար բախվելով փախան։ Ապաստանեցին գետափնյա մի մեծ կաղնու տակ։ Այժմ տարերքի պայքարը ամենակատաղի վիճակումն էր։ Կայծակների անդադար փայլատակումների տակ, որոնք վառվում էին երկնքում, ներքևում, անձրևի քողի տակից պարզ երևում էին անստվեր կռացած ծառերը, հորդացած գետը՝ փրփուրից սպիտակած, և հանդիպակաց ափին գտնվող բարձր ժայռերի մութ ուրվագծերը։ Երբեմն մի հսկա ծառ պայքարը լքում էր և ընկնում, ջարդելով շրջապատի մատղաշ ծառերը։ Կայծակի որոտն ընդմիջվում էր ականջ խլացնող սուր ու կտրող պայթյուններով և անասելի զարհուրանք պատճառում։ Փոթորիկը լարեց իր բոլոր ուժերը։ Թվում էր, թե շուտով կղզին կտոր֊կտոր կանի, կվառի, կհեղեղի մինչև ծառերի կատարները, կքշի հեռու և կխլացնի այնտեղի բոլոր արարածներին, բոլորին միասին, մի րոպեում։ Սարսափելի, վայրագ գիշեր էր անապաստան երեխաների համար։ | ||
+ | |||
+ | Բայց ի վերջո ճակատամարտն ավարտվեց, և տարերքի ուժերը նահանջեցին հեռացան թուլացող սպառնալիքով։ Խաղաղություն հաստատվեց։ Տղաները ճամբար վերադարձան կարգին վախեցած, բայց այդտեղ պարզվեց, որ պետք է շնորհակալ լինեին․ մեծ թեղին, որի տակ գիշերում էին, ջարդված էր, կայծակնահար եղած, լավ էր, որ աղետի պահին ծառի տակ չէին մնացել։ | ||
+ | |||
+ | Ճամբարում ամեն ինչ թրջվել էր, ինչպես նաև կրակը, որովհետև իրենց սերնդի նման թեթևամիտ երեխաներ էին և անձրևի դեմ միջոցներ չէին նախատեսել։ Դա անախորժ բան էր, որովհետև մինչև ոսկորները թրջվել ու մրսում էին։ Նրանց հուսահատությունը շատ ակներև էր, բայց նկատեցին, որ կրակը այնքան էր առաջացել կոճղի տակ (այն դեպի վեր էր ցցված և գետնից բարձր էր), որ մի բուռ կրակ ազատվել էր թրջվելուց․ նրանք համբերությամբ չոր ցախ ու կեղև հավաքեցին ծառերի բների տակ պաշտպանված տեղերից և հաջողվեց կրակը նորից վառել։ Կրակին դրեցին խոշոր ճղափայտեր, մինչև որ ստացվեց մի մեծ խարույկ։ Ուրախացան։ Չորացրին իրենց թրջված ապուխտը, ընթրեցին և դրանից հետո նստեցին կրակի մոտ ու մինչև առավոտ խոսեցին գիշերային իրենց արկածի մասին։ Միևնույն է, քնելու համար ոչ մի կտոր չոր տեղ չկար ամբողջ շրջապատում։ | ||
+ | |||
+ | Երբ արևն ընկավ տղաների վրա, նինջը հաղթեց, և նրանք գնացին գետափ ու պառկեցին ավազի վրա։ Իսկ երբ արևն սկսեց կամաց֊կամաց այրել, նրանք վեր կացան և ծուլորեն անցան նախաճաշ պատրաստելու։ Նախաճաշից հետո ջարդված էին, հոգնած և նորից մի փոքր տան կարոտ էին զգում։ Թոմը նկատեց այդ նշանները, սկսեց ծովահեններին ոգևորել ինչքան հնարավոր էր։ Բայց նրանք ոչ գնդիկների, ոչ կրկեսի, ոչ լողանալու և ոչ էլ որևէ բանի ցանկություն չունեին։ Նա հիշեցրեց տպավորիչ գաղտնիքը։ Նորից ուրախության աղաղակ բարձրացավ։ Այդ ուրախությունը դեռևս չէր անցել, երբ Թոմը հետաքրքրեց նրանց մի նոր մտքով։ Պետք է կարճ ժամանակով թողնեին ծովահենությունը և հնդկացիներ դառնային։ Այս միտքը գրավեց նրանց։ Շուտով մերկացան և ոտքից գլուխ սև ցեխով ներկվեցին, դարձան զեբրերի պես շերտավոր։ Բոլորն էլ, անշուշտ, առաջնորդներ էին և գնացին անտառ անգլիական գաղութի վրա հարձակվելու։ | ||
+ | |||
+ | Շուտով բաժանվեցին երեք թշնամի ցեղերի, թաքստոցից դուրս գալով՝ իրար վրա հարձակվեցին ահռելի ռազմակոչերով և միմյանց հազարավոր զոհեր պատճառելով։ Արյունահեղ օր էր, հետևաբար և գոհացուցիչ։ | ||
+ | |||
+ | Ընթրիքի ժամին ճամբարում հավաքվեցին քաղցած, բայց երջանիկ։ Սակայն այժմ մի նոր դժվարություն առաջ եկավ։ Թշնամի հնդկացիները չէին կարող հյուրասիրության հացը միասին կտրել առանց նախապես հաշտություն կնքելու և դա պարզապես անհնար էր առանց խաղաղության ծխամորճ ծխելու։ Ուրիշ արարողության մասին նրանք երբեք չէին լսել։ Վայրենիներից երկուսը համարյա ափսոսացին, որ ծովահեն չէին մնացել։ Բայց այլ ճանապարհ չկար։ Աշխատելով ինչքան հնարավոր է ուրախ երևալ, նրանք ծխամորճ ուզեցին և սկսեցին հերթով ծխել, ինչպես կարգն էր։ | ||
+ | |||
+ | Եվ ահա ուրախ էին, որ վայրենացել էին․ մի բան շահել էին։ Պարզվեց, որ կարող էին ծխել առանց ստիպված լինելու կորած դանակը որոնելու։ Նրանք լրջորեն անհանգստանալու չափ իրենց վատ զգացին։ Ինչպե՞ս կարելի էր կորցնել այդ հրաշալի առիթը։ Ընթրիքից հետո զգուշությամբ, ինչպես և բավական մեծ հաջողությամբ, մի անգամ փորձեցին։ Հրաշալի երեկո անցկացրին։ Իրենց նոր հաջողությամբ ավելի հպարտ ու ավելի երջանիկ էին, քան եթե վեց ցեղ գերեին և մաշկահան անեին։ | ||
+ | |||
+ | Իսկ հիմա նրանց թողնենք, որ ծխեն և շատախոսեն, առայժմ կարող ենք պատմությունը շարունակել առանց տղաների։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XVIII== | ||
+ | |||
+ | |||
+ | Շաբաթ օրվա նույն երեկոյան այնքան էլ ուրախություն չկար փոքր քաղաքում։ Հարպըրները և մորաքույր Պոլիի ընտանիքը սև էին հագնում վշտով ու արցունքով։ Մի անսովոր լռություն տիրեց քաղաքում, որը առանց այն էլ սովորաբար բավական լուռ էր։ Քաղաքացիներն իրենց գործը կատարում էին մտացրիվ և քիչ էին խոսում։ Հաճախ հառաչում էին։ Շաբաթ օրվա հանգիստը ծանր էր թվում երեխաներին։ Նրանք սիրելով չէին խաղում և աստիճանաբար հրաժարվեցին խաղից։ | ||
+ | |||
+ | Երեկոյան Բեքի Թեչըրը իրեն գտավ դպրոցի ամայացած բակում շրջելիս։ Շատ տխուր էր։ Բայց այնտեղ մխիթարող ոչինչ չգտավ։ Նա խոսում էր ինքն իր հետ․ | ||
+ | |||
+ | ― Է՛հ, գոնե նրա պղնձե կոճակը մոտս լիներ։ Այժմ ես ոչինչ չունեմ, որ նրան հիշեցնի, ― և նա կուլ տվեց արցունքը։ | ||
+ | |||
+ | Աղջիկը կանգ առավ և ասաց ինքն իրեն․ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այստեղ էի։ Օ՜հ, եթե նա նորից նույնը աներ, այդ խոսքը չէի ասի, չէի ասի, եթե ամբողջ աշխարհը ինձ տային։ Բայց նա այժմ չկա։ Ես նրան երբեք, երբեք, երբեք չեմ տեսնի։ | ||
+ | |||
+ | Այս միտքը ընկճեց Բեկիին, և նա հեռացավ՝ այտերից արցունք գլորելով։ Հետո տղաների ու աղջիկների՝ Թոմի ու Ջոյի ընկերների մի խումբ եկավ և ցանկապատից այն կողմ նայելով, հարգալից տոնով խոսել սկսեց, թե վերջին անգամ, երբ Թոմին տեսան, նա ի՞նչ արեց, ի՞նչ ասաց Ջոն։ Հիշում էին ամեն մի խոսքը, որ այն ժամանակ շատ սովորական էր թվում, բայց իրականում լի էր չարագուշակ մարգարեությամբ, ինչպես արդեն զգում էին բոլորը։ Յուրաքանչյուր խոսող ցույց էր տալիս ճշգրիտ տեղը, թե որտեղ վերջին անգամ կանգնեցին տղաները։ Հետո ավելացնում էին․ «Իսկ ես կանգնել էի ճիշտ այսպես, ինչպես այժմ, իսկ նա՝ քո տեղը։ Ա՛յ, այդքան մոտ էինք, և նա ժպտաց, ճիշտ այսպես, և կարծես մտքով մի բան անցավ, մի տեսակ վատ բան, հասկանո՞ւմ ես, իսկ ես, իհարկե, չհասկացա դրա նշանակությունը։ Հիմա հասկանում եմ։ | ||
+ | |||
+ | Հետո վեճ ծագեց, թե ո՞վ է վերջին անգամ ողջ տեսել մեռած տղաներին, և շատերը բազմաթիվ փաստեր բերելով և առավել կամ պակաս թվով ուրիշների վկայակոչելով, այդ պատիվը իրենց էին վերագրում։ Եվ երբ վերջնականապես պարզվեց, թե ով է հանգուցյալներին վերջին անգամ տեսել ու վերջին բառերը փոխանակել նրա հետ, երջանիկները ստացան սրբազան կարևորություն, զարմանք ու նախանձ առաջացրին մյուսների մեջ։ Մի խեղճ տղա, որ ուրիշ ասելիք չէր գտել, պատմեց իր հիշողությամբ բավական հպարտ․ | ||
+ | |||
+ | ― Թոմ Սոյերը մի անգամ ինձ ծեծեց։ | ||
+ | |||
+ | Բայց փառքի ձգտելու այդ ձևը ձախողվեց։ Տղաներից շատերը կարող էին այդ ասել և դա կարևորություն ստանալու համար լավ միջոց չէր։ Խումբը հեռացավ, շարունակելով կորած հերոսների մասին ակնածանքով հուշեր պատմել։ | ||
+ | |||
+ | Հաջորդ օրը առավոտյան, երբ կիրակնօրյա դպրոցում դասերը վերջացան, ղողանջեց եկեղեցու զանգը։ Դա սովորական զանգահարություն չէր։ Շատ հանգիստ մի կիրակի էր, և մարդկանց վշտաբեկ մրմնջոցը համապատասխանում էր բնության անդորրին։ Քաղաքացիները սկսեցին հավաքվել, մի պահ կանգ առնելով գավթում՝ շշուկով խոսելու համար տխուր դեպքի մասին։ Բայց ժողովարանում շշուկ չկար։ Միայն հուղարկավոր կանանց հագուստների խշխշոցը, երբ նրանք իրենց տեղերն էին գրավում, խանգարում էր լռությունը։ Ոչ ոք չէր կարող հիշել, թե մինչ այդ փոքրիկ եկեղեցին ե՞րբ էր այդքան լիքը եղել։ Ի վերջո սպասողական լռություն և սպասողական պապանձվածություն տիրեց։ Այնուհետև եկեղեցի մտավ մորաքույր Պոլին, նրա ետևից՝ Սիդն ու Մերին, ապա Հարպըրների ընտանիքը, բոլորը սև հագած։ Ներկաները, ինչպես և ծեր քարոզիչը, հարգանքով ոտքի ելան, մնացին կանգնած, մինչև սգավորները նստեցին առջևի նստարանին։ Ապա նորից լռություն տիրեց, որը ընդհատվում էր զսպված հեկեկանքներով։ Ապա քարոզիչը ձեռքերը լայն բացեց ու աղոթեց։ Մի հուզիչ աղոթք երգեցին, որին հաջորդեց քարոզը՝ «Ես համբարձումն եմ և կյանքը» նշանաբանով։ | ||
+ | |||
+ | Քարոզի ընթացքում կրոնավորը կորած տղաների արժեքները, հազվագյուտ շնորհները այնպես նկարագրեց, որ այնտեղ եղածներից յուրաքանչյուրը լիովին հավատալով այդ խոսքերին, ափսոսանք զգաց, որ ինքը միշտ կուրացել էր նրանց նկատմամբ և միայն սխալներ ու չարություններ էր տեսել խեղճ երեխաների մեջ։ Կրոնավորը պատմեց նաև բազմաթիվ հուզիչ դեպքեր հանգուցյալների կյանքից, նկարագրելով նրանց բարի բնավորությունները։ Ժողովուրդը կարող էր հեշտությամբ տեսնել, թե ինչ ազնիվ ու գեղեցիկ էին այդ դեպքերը։ Մարդիկ հեշտությամբ կարող էին տեսնել, թե որքան անսովոր էին եղել այդ երեխաների արածները և տխրությամբ հիշեցին, թե ինչպես նույն արարքները այդ ժամանակ թվում էին հասարակ չարություններ, որոնց համար արժանի էին կաշեփոկի։ Հավաքվածները գնալով ավելի հուզվեցին, քանի շարունակվում էր հուզիչ պատմությունը, մինչև բոլորը միացան լաց եղող սգավորներին։ Նույնիսկ քարոզիչը զգացմունքին հանձնվելով, սկսեց լաց լինել ամբիոնի վրա։ | ||
+ | |||
+ | Վերնահարկում ինչ֊որ շարժում կատարվեց, որը ոչ ոք չնկատեց։ Քիչ անց եկեղեցու մուտքի դուռը ճռնչաց։ Քարոզիչը բարձրացրեց արցունքակալած աչքերը և քարացավ։ Նախ մեկ, ապա մի ուրիշ զույգ աչք հետևեցին քարոզչի հայացքին, և հետո, համարյա մի մարդու պես ծխականները վեր կացան և նայեցին։ Երեք մեռած տղաները դեպի բեմն էին քայլում․ առջևից՝ Թոմը, հետո՝ Ջոն, հետո՝ Հեքը, որը քարշ էր տալիս վրայից թափվող ցնցոտիները և ետևում էր մնում։ Նրանք պահվել էին լքված վերնատանը և լսել իրենց համար ասվող դամբանականը։ | ||
+ | |||
+ | Մորաքույր Պոլին, Մերին և Հարպըրները նետվեցին դեպի իրենց հարություն առածները, նրանց համբույրներով ծածկեցին և գոհություն հայտնեցին արարչին, իսկ խեղճ Հեքը կանգնած էր շփոթված և անհանգիստ, չիմանալով, ինչ անել կամ ուր պահվել այսքան անբարեհաճ հայացքներից։ Նա շարժվեց և ուզեց փախչել, բայց Թոմը բռնեց նրան և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Մորաքույր Պոլի, դա արդարացի չէ․ մեկնումեկը պետք է ուրախ լինի Հեքին տեսնելու համար։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, պետք է ես շատ ուրախ լինեմ նրան տեսնելու համար, խեղճ, անմայր երեխա։ ― Եվ մորաքույր Պոլիի՝ Հեքի վրա շռայլած սիրալիր վերաբերմունքը միակ բանն էր, որ կարող էր տղային հուզել ավելի, քան մինչ այդ որևէ այլ պատճառ։ | ||
+ | |||
+ | Հանկարծ քարոզիչը ամբողջ ձայնով որոտաց․ | ||
+ | |||
+ | ― Օրհնյալ լինի աստված, որից բխում են բոլոր օրհնությունները։ Երգեցեք ամբողջ սրտով։ | ||
+ | |||
+ | Եվ նրանք երգեցին։ Հին օրհնությունը թնդում էր հաղթական, և մինչ այն ցնցում էր գերանները, ծովահեն Թոմ Սոյերը նայում էր շուրջը, նախանձող ընկերներին ու մտքում խոստովանում, որ դա իր կյանքի ամենալավ պահն է։ | ||
+ | |||
+ | Մինչ «խաբված» ծխականները դուրս էին գալիս, նրանք խոստովանեցին, որ կցանկանային նորից ծիծաղելի լինել, որպեսզի այդ հիմնը մի անգամ էլ նույն ձևով երգեին։ | ||
+ | |||
+ | Թոմն այդ օրը ավելի շատ համբույր ու ապտակ ստացավ, նայած մորաքույր Պոլիի փոփոխվող տրամադրությանը, քան նախկինում կստանար մի տարում։ Տղան չէր կարողանում հասկանալ, թե ինչով է ավելի լավ արտահայտվում գոհությունը աստծո հանդեպ և սերը՝ իր նկատմամբ․ համբույրներո՞վ, թե ապտակներով։ | ||
+ | |||
+ | ==Գլուխ XIX== | ||
+ | |||
+ | |||
+ | Սա էր Թոմի մեծ գաղտնիքը՝ իր ծովահեն եղբայրեների հետ տուն դառնալու և իրենց թաղմանը ներկա լինելու ծրագիրը։ Շաբաթ օրվա լուսաբացին նրանք գերանի օգնությամբ գետը անցան, դուրս եկան Միսուրիի ափը՝ քաղաքից հինգ կամ վեց մղոն ցած։ Քաղաքի ծայրամասի մոտ՝ անտառում քնեցին մինչև լուսաբաց, ապա խուլ ճանապարհներով մտան քաղաք և իրենց քունն ավարտեցին եկեղեցու վերնահարկում, հաշմանդամ նստարանների միջև։ | ||
+ | |||
+ | Երկուշաբթի առավոտյան, նախաճաշի ժամանակ մորաքույր Պոլին և Մերին շատ սիրալիր էին Թոմի նկատմամբ և ուշադիր՝ նրա ցանկություններին։ Աշխույժ խոսակցություն էր տեղի ունենում։ Զրույցի միջոցին մորաքույր Պոլին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լավ, Թոմ, չեմ ասում, թե սրամիտ կատակ չէր բոլորին մի շաբաթից ավելի տանջել, որպեսզի դուք՝ տղաներդ, ուրախ ժամանակ անցկացնեք, բայց ցավալի է, որ դու կարող ես այդքան կարծրասիրտ լինել և ստիպել, որ ես այդպես տառապեմ։ Եթե կարող էիր գերանով գետը անցնել և քո թաղմանը գալ, ուրեմն կարող էիր նաև գալ և մի կերպ ինձ հասկացնել, որ մեռած չես։ Դու միայն փախչել գիտես։ | ||
+ | |||
+ | ― Այո, կարող էիր այդ անել, Թոմ, ― ասաց Մերին, ― և ես հավատացած եմ, որ դու այդ կանեիր, եթե մտածեիր։ | ||
+ | |||
+ | ― Կանեի՞ր, Թոմ, ― հարցրեց մորաքյուր Պոլին ժպտադեմ, ― ասա, կանեի՞ր, եթե մտքովդ անցներ։ | ||
+ | |||
+ | ― Ես․․․ ես․․․ չգիտեմ։ Բայց դա ամեն ինչ կփաչցներ։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ես կարծում էի, որ դու ինձ բավական սիրում ես, ― ասաց մորաքույր Պոլին վշտացած, և տղան իրեն վատ զգաց։ ― Եթե նույնիսկ չգայիր, այլ գոնե մտածեիր, դա մի բան կնշանակեր։ | ||
+ | |||
+ | ― Մորաքույր, դա դեռ ոչինչ, վնաս չունի, ― ասաց Մերին։ Վատը Թոմի գլխապտույտ պատճառող գործերն են։ Նա միշտ այնքան շտապողականության մեջ է, որ երբեմն ոչ մի բանի մասին չի մտածում։ | ||
+ | |||
+ | ― Ավելի վատ։ Սիդը կմտածեր։ Սիդը կգար ու այդպես կաներ։ Թոմ, դու մի օր կզղջաս քո արածների համար և կցանկանաս, որ մի փոքր ավելի իմ մասին մտածած լինեիր, երբ դա այնքան քիչ էր պահանջում քեզնից, բայց արդեն ուշ կլինի։ | ||
+ | |||
+ | ― Մորաքույր, դու գիտես, որ սիրում եմ քեզ, ― ասաց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ ավելի լավ կիմանայի, եթե դու գործով ցույց տայիր։ | ||
+ | |||
+ | ― Երանի մտքովս անցներ, ― ասաց Թոմը զգացված տոնով։ ― Բայց այնուամենայնիվ ես երազում տեսա քեզ։ Դա մի բան է, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Մեծ բան չէ, այդքանը կատուն էլ է անում, բայց ավելի լավ է, քան ոչինչը։ Ի՞նչ տեսար երազում։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն չորեքշաբթի գիշեր երազումս տեսա, որ դու նստել էիր մահճակալի կողքին, Սիդը՝ տախտակե արկղի վրա, իսկ Մերին՝ նրա կողքին։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպես էինք նստել։ Մենք միշտ այդպես նստում ենք։ Ուրախ եմ, որ գոնե երազումդ այդքան մտածում ես մեր մասին։ | ||
+ | |||
+ | ― Ես տեսա նաև, որ Ջո Հարպըրի մայրը ձեզ հետ էր։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, նա այստեղ էր։ Ուրիշ բան չտեսա՞ր։ | ||
+ | |||
+ | ― Շատ բան տեսա, բայց հիմա շատ աղոտ եմ հիշում։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ, փորձիր մտաբերել, չե՞ս կարող։ | ||
+ | |||
+ | ― Կարծեմ քամին ․․․ քամին հանգցնում էր․․․ հանգցնում էր․․․ | ||
+ | |||
+ | ― Փորձիր ավելի լավ հիշել։ Քամին փչում էր, դե՛, փորձիր։ | ||
+ | |||
+ | Թոմը մատները ճակատին դրեց։ Մի րոպե կենտրոնացած ու մտահոգ մնաց, հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հիշեցի, հիշեցի։ Քամին հանգցնում էր մոմը։ | ||
+ | |||
+ | ― Ողորմյա մեզ, աստված։ Շարունակիր, Թոմ, շարունակիր։ | ||
+ | |||
+ | ― Կարծեմ դու ասացիր․ «Ինձ թվում է, որ դուռը․․․ | ||
+ | |||
+ | ― Շարունակիր, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Մի րոպե մտածեմ, մի րոպե։ Այո, այո, դու ասացիր, թե դուռը բաց է մնացել։ | ||
+ | |||
+ | ― Այո, այստեղ նստած՝ ես այդ բանն ասացի։ Ասացի, չէ՞, Մերի։ Շարունակիր։ | ||
+ | |||
+ | ― Հետո, հետո, վստահ չեմ, բայց թվում է, որ դու Սիդին ուղարկեցիր և․․․ | ||
+ | |||
+ | ― Հետո՜, հետո՜, ո՞ւր ուղարկեցի, Թոմ։ Ի՞նչ անելու ուղարկեցի, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Դու ուղարկեցիր, ուղարկեցիր, այո, ուղարկեցիր դուռը ծածկելու։ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ, կյանքումս նման բան չէի լսել։ Էլ չասեք, թե երազները ոչինչ չեն նշանակում։ Հիմա, անմիջապես կվազեմ և Սերենի Հարպըրին կպատմեմ այս բոլորը։ Տեսնենք ինչպես կվերաբերվի այս բոլորին իր ամբողջ անհավատությամբ։ Շարունակիր, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Այժմ ամեն ինչ ցերեկվա պես պարզվում է։ Սկզբում դու ասացիր, որ ես ոչ թե վատն եմ, այլ պարզապես չար և թեթևսոլիկ և իմ արածների համար պատասխանատու եմ այնքան, ինչքան․․․ ինչքան․․․ կարծեմ ասացիր քուռակը կամ դրա նման մի բան։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այդպես էլ ասացի։ Ա՜խ, տեր աստված։ Շարունակիր, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Հետո դու սկսեցիր լաց լինել։ | ||
+ | |||
+ | ― Այո, լաց եղա, լաց եղա, թեև ոչ առաջին անգամ։ Հետո՞․․․ | ||
+ | |||
+ | ― Հետո միսիս Հարպըրը սկսեց լալ և ասաց, որ նույնն էր նաև Ջոն, կուզենար, որ սերուցքի համար նրան ծեծած չլիներ, մանավանդ, որ այդ սերուցքը ինքը դուրս էր թափել։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, սուրբ հոգու լույսը իջել է վրադ․ դու մարգարեանում էիր, այո, ահա թե դու ինչ էիր անում։ Աստված մեծ է․․․ Շարունակիր, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Հետո Սիդն ասաց․․․ նա ասաց․․․ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարծում, որ ես բան ասած լինեմ, ― ասաց Սիդը։ | ||
+ | |||
+ | ― Ասացիր, Սիդ, ― միջամտեց Մերին։ | ||
+ | |||
+ | ― Լռեցեք և թողեք, որ Թոմը շարունակի։ Նա ի՞նչ ասաց, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Նա ասաց․․․ կարծեմ ասաց, որ ես ավելի լավն եմ իմ գնացած տեղում, բայց եթե ավելի բարի լինեի․․․ | ||
+ | |||
+ | ― Ահա, լսո՞ւմ ես․ ճիշտ է, նրա բառերն են։ | ||
+ | |||
+ | ― Եվ դու անմիջապես լռեցիր։ | ||
+ | |||
+ | ― Այո, լռեցի։ Այստեղ պետք է մի հրեշտակ լինի։ Այստեղ հրեշտակ է եղել։ | ||
+ | |||
+ | ― Եվ միսիս Հարպըրը պատմեց, թե ինչպես Ջոն վախեցրել է իրեն խաղալիք֊ատրճանակով, իսկ դու պատմեցիր Պիտերի՝ «ցավ կտրող» դեղի մասին։ | ||
+ | |||
+ | ― Դա այնքան ճիշտ է, որքան ճիշտ է, որ ես այժմ ապրում եմ։ | ||
+ | |||
+ | ― Եվ հետո երկար խոսք եղավ, թե ինչպես մեզ փնտրել եք գետում և կիրալի օրը մեր թաղումն եք անելու, այնուհետև դուք և խեղճ միսիս Հարպըրը իրար գրկեցիք ու լաց եղաք, հետո նա գնաց։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այդպես եղավ, ճիշտ այդպես եղավ։ Այնքան ճիշտ է, ինչքան այն, որ ես նստել եմ այստեղ։ Թոմ, դու ավելի ճիշտ չէիր նկարագրի, եթե տեսած լինեիր։ Հետո ի՞նչ, Թոմ, շարունակիր։ | ||
+ | |||
+ | ― Հետո, կարծեմ, դու աղոթեցիր ինձ համար։ Ես քեզ տեսնում էի ու լսում քո ասած յուրաքանչյուր բառը։ Հետո անկողին մտար, իսկ ես այնքան ցավում էի քեզ համար, որ վերցրի ծառի մի կեղև և վրան գրեցի․ «Մենք չենք մահացել, մենք պարզապես ծովահեններ ենք դարձել» և դրեցի սեղանի վրա, մոմի մոտ։ Եվ դու այնքան բարի էիր քնած ժամանակ, որ ես մոտեցա, խոնարհվեցի վրադ և շրթունքներդ համբուրեցի։ | ||
+ | |||
+ | ― Ճի՞շտ, Թո՛մ, համբուրեցի՞ր։ Դրա համար ես ամեն ինչ ներում եմ քեզ, ― և այնպես ուժեղ գրկեց ու կրծքին սեղմեց տղային, որ Թոմն իրեն զգաց ամենամեծ հանցավորը։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ բան է եղել, թեկուզ երազում, ― նկատեց Սիդը լսելի ձայնով։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Սիդ։ Մարդ երազում անում է այն, ինչ կաներ, եթե արթուն լիներ։ Ահա քեզ ամենամեծ խնձորը, Թոմ, որ քեզ համար էի պահում, եթե գտնվեիր։ Հիմա գնա դպրոց։ Ես շնորհակալ եմ բարի աստծուց, մեր բոլորի երկնակալ հորից, որ նորից քեզ վերադարձրեց, շնորհակալ եմ նրա սրտից, որ բարի և համբերատար է բոլորի նկատմամբ, բոլորի, ովքեր հավատում և հետևում են իր խոսքերին, իմ նկատմամբ, թեև ես անարժան եմ։ Միայն ընտրայլներն են արժանի նրա օգնությանը և նրա ձեռքին, որպեսզի անցնեն դժվար ճանապարհներով, որտեղ շատ քչերը կարող են ժպտալ ու հասնել հանգստի, երբ մեծ գիշերը գա։ Գնացեք, Սիդ, Մերի, Թոմ, հեռացեք այստեղից, դուք ինձ բավական չարչարեցիք։ | ||
+ | |||
+ | Երեխաները դպրոց գնացին, իսկ ծեր լեդին՝ միսիս Հարպըրի մոտ, որպեսզի Թոմի հրաշալի երազով նրա ռեալիզմը ոչնչացնի։ Սիդը չասաց այն, ինչ մտածում էր տնից հեռանալիս։ Նա մտածում էր․ | ||
+ | |||
+ | ― Այդքան երկար և անսխալ երա՞զ կլինի։ | ||
+ | |||
+ | Ի՜նչ հերոս էր դարձել այժմ Թոմը։ Նա ոչ վազում էր, ոչ էլ թռչկոտում, այլ քայլում էր վեհ արժանապատվությամբ, ինչպես կաներ ծովահենը, որն իր վրա զգում է ամբողջ հասարակության հայացքը։ Եվ իրոք դա այդպես էր։ Անցնելիս նա փորձեց հայացքները չտեսնել և իր մասին արվող նկատողությունները չլսել, բայց դրանք տղայի համար հաց ու ջուր էին։ Փոքր երեխաները կրնկակոխ հետևում էին Թոմին՝ հպարտ, որ կարող են նրա հետ երևալ, իսկ նա հանդուրժում էր դրանց՝ իր կողքին։ Կարծես թափորի գլուխն անցած թմբկահար լիներ, կամ քաղաք մտնող գազանների առջևից քայլող փիղ։ Հասակակից տղաները ձևացնում էին, թե իբր բոլորովին չգիտեն նրա բացակայության մասին, բայց, այնուամենայնիվ, նախանձում էին։ Ամեն ինչ կտային Թոմի արևահար մորթը և փայլուն հռչակն ունենալու համար, իսկ Թոմը դրանցից չէր բաժանվի, նույնիսկ եթե կրկեսը տային։ | ||
+ | |||
+ | Դպրոցում երեխաները այնպես էին վերաբերվում նրան ու Ջոյին, այնպես պերճախոս հիացում էր արտահայտում նրանց հայացքը, որ երկու հերոսներն սկսեցին անտանելի կերպով «փքվել»։ Նրանք հափշտակված ունկնդիրներին պատմեցին իրենց արկածները, բայց միայն սկիզբը։ Դա անվերջանալի մի պատմություն էր, քանի որ նրանց երևակայությունը շարունակ մի բան ավելացնում էր։ Վերջապես, երբ հանեցին իրենց ծխամորճները և սկսեցին անվրդով ծխել, փառքի գագաթնակետին հասան։ | ||
+ | |||
+ | Թոմը որոշեց, որ այժմ կարող է Բեքի Թեչըրից անկախ լինել։ Փառքը բավարար էր։ Նա կարող էր փառքով ապրել։ Այժմ, երբ ինքը հռչակավոր էր, գուցե աղջիկն ուզենար «հաշտվել»։ Թող փորձի։ Կտեսնի, որ Թոմը կարող է այնքան անտարբեր լինել, ինչքան ուրիշները։ Այդ պահին եկավ Բեքին։ Թոմը ձևացրեց, թե չի տեսնում։ Մի կողմ քաշվեց, միացավ տղաների ու աղջիկների մի խմբի և շարունակեց խոսել։ Շուտով նկատեց, որ Բեքին կարմրած դեմքով ու վառվող աչքերով ետ ու առաջ է վազում, ձևացնելով, թե ընկերներին է հալածում։ Նա ծիծաղից պայթում էր, երբ հաջողվում էր որևէ մեկին բռնել։ Բայց Թոմը նկատեց, որ միշտ իր շուրջն է պտտվում և հարմար պահերին իր կողմն է նայում։ Դա շոյում էր Թոմի ինքնասիրությունը, բայց փոխանակ այդ զգացումը հաղթահարելու, տղան շարունակում էր ցույց տալ, թե իբր չի նկատում աղջկա ներկայությունը։ Այդ ժամանակ Բեքին թողեց վազվզելը և անվճռական քայլերով հեռացավ, մի քանի հառաչանք արձակելով և վախեցած ու գաղտնի հայացքներ գցելով Թոմի կողմը։ Հետո նկատեց, որ Թոմը առավել ուշադրությամբ խոսում է Էմի Լաուրենսի հետ, քան ուրիշների։ Նա սուր ցավ զգաց, հանկարծ սկսեց ձանձրանալ ու անհանգստանալ։ Փորձեց հեռանալ, բայց ոտքերը դավաճանեցին և նրան տարան դեպի խումբը։ Թոմի կողքին գտնվող աղջիկներից մեկին նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Մերի Օստին, վատ աղջիկ, ինչո՞ւ կիրակնօրյա դպրոց չէիր եկել։ | ||
+ | |||
+ | ― Եկել էի, դու ինձ չտեսա՞ր։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, եկե՞լ էիր։ Որտե՞ղ էիր նստել։ | ||
+ | |||
+ | ― Միս Պիտերիսի դասարանումն էի, ինչպես միշտ։ Ես քեզ տեսա։ | ||
+ | |||
+ | ― Տեսա՞ր։ Զարմանալի է, որ ես քեզ չտեսա։ Ուզում էի քեզ ասել պիկնիկի մասին։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, հրաշալի է, ո՞վ է կազմակերպում։ | ||
+ | |||
+ | ― Մայրս ինձ թույլ է տալիս կազմակերպել։ | ||
+ | |||
+ | ― Ա՜, սքանչելի է․ հույս ունեմ, որ ինձ կհրավիրի։ | ||
+ | |||
+ | ― Դե, անշուշտ։ Պիկնիկն ինձ համար է կազմակերպվում։ Նա կհրավիրի բոլոր նրանց, ում ես ուզեմ։ Իսկ ես ուզում եմ, որ դու գաս։ | ||
+ | |||
+ | ― Դու շատ բարի ես։ Ե՞րբ է լինելու։ | ||
+ | |||
+ | ― Շուտով։ Գուցե արձակուրդներին։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ինչ հրաշալի բան կլինի։ Բոլոր տղաներին ու աղջիկներին կանչելո՞ւ ես։ | ||
+ | |||
+ | ― Այո, բոլոր նրանց, ովքեր իմ բարեկամներն են կամ ուզում են լինել։ ― Եվ նա գաղտնի նայեց Թոմին, որն այդ ժամանակ Էմի Լաուրենսին պատմում էր կղզում եղած սարսափելի փոթորկի մասին, թե ինչպես կայծակը կտոր֊կտոր արեց թեղի խոշոր ծառը, երբ ինքը ծառից միայն երեք ոտնաչափ էր հեռու։ | ||
+ | |||
+ | ― Ես կարո՞ղ եմ գալ, ― հարցրեց Գրեյսի Միլըրը։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ե՞ս, ― հարցրեց Սալի Ռոջերսը։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | ― Ե՞ս էլ, ― ասաց Սյուզի Հարպըրը, ― Ջոն է՞լ։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | Եվ այդպես բոլորն էլ ուրախ ծափ էին տալիս, մինչև բոլորն էլ խնդրեցին, որ իրենց հրավիրեն, բացի Թոմից ու Էմիից։ Հետո Թոմը սառնորեն շուռ եկավ և շարունակելով խոսել, հեռացավ Էմիի հետ։ Բեքիի շրթունքները դողացին, և աչքերը արցունքով լցվեցին։ Նա դրանք քողարկեց շինծու ուրախությամբ և շարունակեց շաղակրատել, բայց պիկնիկը կորցրեց իր հետաքրքրությունը, ինչպես ամեն ինչ։ Նա առաջին իսկ առիթով հեռացավ ընկերուհիներից և մի տեղ պահվելով մի «կուշտ» լաց եղավ, ինչպես վարվում են գեղեցիկ սեռին պատկանողները։ Հետո մռայլ, վիրավորված հպարտությամ նստեց մինչև զանգը հնչեց։ Նա վեր կացավ՝ աչքերում վրեժխնդրություն, թափ տվեց հյուսերը և ասաց, թե այժմ գիտե իր անելիքը։ | ||
+ | |||
+ | Դասամիջոցին Թոմը շարունակեց սիրահետել Էմիին մեծ բավականությամբ։ Նա ուզեց Բեքիին գտնել և կատաղեցնել իր արածով։ Ի վերջո գտավ, բայց նրա ուրախությունը հանկարծ փչացավ։ Բեքին դպրոցի հետևում, մի փոքր նստարանի նստած՝ զրուցում և պատկերազարդ մի գիրք էր դիտում Ալֆրեդ Տեմպլերի հետ․ այնքան կլանված էին նրանք, գրքի վրա նրանց գլուխները այնքան մոտիկ էին, որ կարծես իրենց շուրջը ոչինչ չէին տեսնում։ Նախանձը կրակի պես հոսեց Թոմի երակներում։ Նա սկսեց իրեն ատել Բեքիի տված հաշտության առիթը բաց թողնելու համար։ Իրեն հիմար և ամեն տեսակի վատ անուններ տվեց։ Ուզեց կատաղությունից լաց լինել։ Քայլելիս Էմին շարունակում էր ուրախ շաղակրատել, որովհետև նրա սիրտը երգում էր, մինչդեռ Թոմի լեզուն կապ էր ընկել։ Նա չէր լսում Էմիի ասածը, իսկ երբ աղջիկը լռում էր և պատասխանի սպասում, Թոմը դժկամությամբ մի խոսք էր մրթմրթում, հաճախ անտեղի։ Նա շարունակ դպրոցի ետևն էր գնում, թեև այդ ատելի տեսարանը նրան տանջում էր։ Տղան չէր կարողանում այլ կերպ վարվել։ Եվ նա խենթանում էր այդ բանը տեսնելով։ Նրան թվում էր, թե Բեքի Թեչըրին չի էլ հետաքրքրում իր գոյությունը։ Բայց աղջիկը հրճվում էր, տեսնելով, որ այժմ էլ տղան է տառապում։ Էմիի ուրախ շաղակրատանքը անտանելի դարձավ։ Թոմն ասաց, թե ինչ֊որ գործեր ունի, անհետաձգելի գործեր։ Ժամանակ չկա․․․ Բայց իզուր, աղջիկը շարունակում էր խոսել։ Թոմը մտածեց․ «Է՜, գրողը տանի, երբեք չե՞մ կարողանալու սրանից օձիքս ազատել»։ Ի վերջո նա պարտավոր էր իր գործերն անել։ Աղջիկն ասաց, որ դասերն ավարտվելուց հետո «շրջակայքում» կլինի։ Թոմը շտապեց հեռանալ, ատելով այդ աղջկան։ | ||
+ | |||
+ | «Մի ուրիշ տղա», մտածեց Թոմը ատամները կրճտացնելով, «Թող մի ուրիշ տղա լիներ ամբողջ քաղաքից, բացի սենտլուիզցի այս մեկից, որն այնքան լավ է հագնվում և իրեն արիստոկրատ է համարում։ Է՜հ, շատ լավ․ առաջին օրն իսկ, երբ այս քաղաքը եկար, ես քեզ ծեծեցի, միստր, և նորից կծեծեմ։ Սպասիր, մինչև դրսում բռնեմ քեզ, սպասիր․․․»։ | ||
+ | |||
+ | Եվ Թոմը սկսեց երևակայական տղային ծեծել, ձեռքերն օդում թափահարելով, աքացի տալով և խոսելով․ | ||
+ | |||
+ | ― Ախ, դո՞ւ ես, հա՞։ Դե խնդրիր, որ խնայեմ։ Առ քեզ։ Թող դա քեզ դաս լինի։ | ||
+ | |||
+ | Եվ այդպես, երևակայական այդ կռիվը ավարտվեց Թոմի հաղթանակով։ | ||
+ | |||
+ | Կեսօրին Թոմը տուն փախավ։ Նա այլևս չէր կարողանում դիմանալ Էմիի միամիտ երջանկությանը, իսկ նախանձը այլևս չէր կարողանում դիմանալ վշտին։ Բեքին ավարտեց Ալֆրեդի հետ նկարներ նայելը, բայց որովհետև րոպեներն անցնում էին, և Թոմը չէր վերադառնում տառապելու, հաղթանակը սկսեց ամպոտել և հետաքրքրությունը կորցրեց։ Լրջությունը և անուշադրությունը հաջորդեցին, որից հետո եկավ թախիծը։ Մի անգամ նա ականջ դրեց ոտնաձայնի։ Զուր հույսեր։ Թոմը չեկավ։ Ի վերջո աղջիկն իրեն բոլորովին դժբախտ զգաց։ Երանի խաղն այդքան հեռու տարած չլիներ։ Երբ խեղճ Ալֆրեդը տեսնելով, որ կորցնում է նրան, շարունակեց բացականչել․ «Ահա մի հրաշալի նկար, սրան նայիր», աղջիկը ի վերջո համբերությունից դուրս եկավ և ասաց․ «Է՜հ, հանգիստ թող ինձ, ձանձրացա»։ ― Նա լաց եղավ ու վեր կենալով հեռացավ։ | ||
+ | |||
+ | Ալֆրեդը քայլեց նրա կողքով, ուզեց մխիթարել, բայց Բեքին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հեռացիր և ինձ մենակ թող։ Ես քեզ ատում եմ։ | ||
+ | |||
+ | Տղան կանգ առավ, մտածելով, թե ինչ վատ բան կարող էր արած լինել։ Չէ՞ որ աղջիկն ասում էր, թե ամբողջ հետմիջօրեն նկարներ կնայի, իսկ այժմ լաց լինելով հեռանում էր։ Ալֆրեդը սկսեց շրջել ամայի դասարանում։ Նա ստորացված և բարկացած էր։ Հեշտությամբ գուշակեց ճշմարտության ճանապարհը, աղջիկը պարզապես իրեն օգտագործեց Թոմ Սոյերին չարացնելու, վրեժ լուծելու համար։ Երբ այդ եզրակացության եկավ, ավելի ատեց Թոմին։ Ուզեց որևէ ձևով Թոմից վրեժ լուծել, առանց իրեն վտանգելու։ Աչքովն ընկավ Թոմի ընթերցանության գիրքը։ Ահա և առիթը։ Նա բացեց այդ օրվա դասի տեղը և ամբողջ էջի վրա թանաք լցրեց։ | ||
+ | |||
+ | Այդ պահին լուսամուտից նայող Բեքին տեսավ նրա արարքը և առանց նշմարվելու հեռացավ։ Տուն գնաց, մտածելով, որ պետք է Թոմին գտնել և ասել։ Թոմը շնորհակալ կլինի, և անախորժությունները կվերջանան։ Տան կես ճանապարհին չհասած, նա փոխեց միտքը։ Հիշեց Թոմի վերաբերմունքը պիկնիկի մասին խոսելիս և ամաչեց։ Որոշեց․ թող նրան ծեծեն, ընթերցանության գիրքը կեղտոտելու համար։ | ||
+ | |||
+ | Այդ տղային ինքը ընդմիշտ կատի։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XX== | ||
+ | |||
+ | |||
+ | Թոմը տուն հասավ մռայլ տրամադրությամբ և մորաքրոջ առաջին իսկ խոսքերից հասկացավ, որ վշտերը մեղմելու համար լավ տեղ չէր ընտրել։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ինչպես երևում է, կաշիդ քերթելու եմ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եմ արել, մորաքույր։ | ||
+ | |||
+ | ― Արածդ բավական է։ Հիմարի պես գնում եմ Սերենի Հարպըրի մոտ, կարծելով, թե նրան կհավատացնեմ, որ ճիշտ են երազի մասին քո ասած հիմարությունները, բայց պարզվում է, նա Ջոյից ամեն ինչ իմացել է։ Դու այստեղ ես եղել և լսել այդ գիշերվա մեր ամբողջ զրույցը։ Թոմ, ես չգիտեմ, թե ինչ դուրս կգա քեզ նման մի տղայից, որն այդպես է վարվում։ Ինձ շատ վատ եմ զգում, մտածելով, թե դու ինչպես թույլ տվիր, որ գնամ Սերենի Հարպըրի մոտ, ծաղրատեղ դառնամ․․․ և ոչ մի խոսք չասացիր։ | ||
+ | |||
+ | Թոմն ամեն ինչ տեսավ նոր լույսի տակ։ Առավոտյան իր սրամտությունը տղային թվում էր լավ հնարված, հաջող կատակ։ Այժմ դա թվում էր վատ, հիմար արարք։ Նա գլուխը կախեց և մի պահ չկարողացավ ասելիք գտնել, հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Մորաքույր, երանի արած չլինեի, բայց չմտածեցի։ | ||
+ | |||
+ | ― Ախ, Թոմ, դու երբեք չես մտածում։ Դու ոչ մի բանի մասին չես մտածում, բացի քո եսամոլությունից։ Դու կարող ես մտածել գիշերով Ջեկսոնի կղզուց մինչև այստեղ գալու և քո պատճառած մտահոգությունների վրա ծիծաղելու մասին, կարող ես մտածել հնարովի երազով իմ վրա ծիծաղելու մասին, բայց երբեք էլ չես կարող մեզ խղճալու և վիշտ չպատճառելու մասին մտածել։ | ||
+ | |||
+ | ― Մորաքույր, ես այժմ գիտեմ, որ շատ ստոր բան եմ արել, թեև չէի ուզում ստոր բան անել։ Չէի ուզում, ազնիվ խոսք։ Մյուս կողմից, այդ գիշեր ես քեզ վրա ծիծաղելու չեկա։ | ||
+ | |||
+ | ― Հապա ինչո՞ւ եկար։ | ||
+ | |||
+ | ― Եկա ասելու, որ մեր մասին չանհանգստանաք, որ մենք չենք խեղդվել․․․ | ||
+ | |||
+ | ― Թոմ, Թոմ, ես այս աշխարհի ամենաշնորհակալ մարդը կլինեի, եթե կարողանայի հավատալ, որ դու գոնե այդքան բան մտածած կլինես, բայց դու ինքդ գիտես, որ այդպիսի բան մտքովդ չի անցել։ Ես էլ գիտեմ, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ, ճիշտ եմ ասում, մորաքույր, քարանամ, եթե դրա համար եկած չլինեմ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ, Թոմ, մի ստիր, մի ստիր։ Այդպես հազար անգամ ավելի է մեծանում հանցանքդ։ | ||
+ | |||
+ | ― Չեմ ստում, մորաքույր, ճիշտ եմ ասում։ Ես ուզում էի, որ դու չվշտանայիր, միայն դրա համար եկա։ | ||
+ | |||
+ | ― Ամբողջ աշխարհը կտայի, եթե հավատայի դրան։ Դա կծածկեր քո մեղքերը, Թոմ։ Ես նույնիսկ ուրախ կլինեի, որ դու փախել ես և այդքան վատ վարվել։ Բայց դա խելքի մոտ բան չէ։ Հապա ինչո՞ւ չասացիր, այ տղա։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև, գիտե՞ս ինչու, մորաքույր, երբ դուք սկսեցիք խոսել թաղման մասին, ես միանգամից մտածեցի գալու և եկեղեցում թաքնվելու մասին և չկարողացա, չգիտեմ ինչու, չկարողացա փչացնել գործը։ Ես նորից գրպանս դրեցի ծառի կեղևը և լուռ մնացի։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կեղև։ | ||
+ | |||
+ | ― Այն կեղևը, որի վրա գրել էի, թե մենք գնացել ենք ծովահենության։ Երանի արթնացած լինեիր, երբ համբուրեցի քեզ։ Ազնիվ խոսք համբուրեցի։ | ||
+ | |||
+ | Մորաքրոջ դեմքի խստությունը մեղմացավ, ու աչքերում հանկարծակի քնքշություն երևաց։ | ||
+ | |||
+ | ― Դու ինձ համբուրեցի՞ր, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Այո, իհարկե, համբուրեցի։ | ||
+ | |||
+ | ― Վատա՞հ ես, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Այո, իհարկե, իհարկե համբուրեցի, մորաքույր։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ համբուրեցիր, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև քեզ շատ եմ սիրում, դու երազում հեկեկում էիր, և ես ցավում էի․․․ | ||
+ | |||
+ | Այդ խոսքերը ճշմարտանման հնչեցին։ Պառավ լեդին չէր կարող թաքցնել դողացող ձայնը, երբ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նորից համբուրիր ինձ, Թոմ, և այժմ դպրոց գնա ու ինձ այլևս մի խանգարի։ | ||
+ | |||
+ | Նրա գնալուց անմիջապես հետո մորաքույրը մառան վազեց և դուրս հանեց Թոմի ծովահենության պատառոտված բաճկոնը։ Բաճկոնը ձեռքին կանգնեց և ասաց ինքն իրեն․ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չեմ համարձակվի։ Խեղճ երեխա․ ես համոզված եմ, որ ստեց, բայց դա օրհնյալ սուտ է, օրհնյալ սուտ, այնքան հանգստացնող սուտ։ Հույս ունեմ, որ Տերը, որ Տերը կօգնի նրան․ այնքան մաքուր սրտով էր ասում։ Բայց չեմ ուզում իմանալ, որ դա սուտ էր։ Չեմ ստուգի։ | ||
+ | |||
+ | Նա բաճկոնը տեղը դրեց, կողքին կանգնեց ու մի պահ մտածեց։ Երկու անգամ ձեռքը երկարեց այն վերցնելու և երկու անգամ էլ ետ քաշեց։ Մի անգամ էլ փորձեց և այս անգամ իրեն ուժ տվեց մտածելով․ «Լավ սուտ էր, բարի սուտ, չեմ թողնի, որ այն ինձ տանջի»։ Նա նայեց բաճկոնի գրպանը։ Մի րոպե հետո կարդաց Թոմի կեղևի կտորը։ Աչքերից արցունք հոսեց, և նա մրմնջաց․ | ||
+ | |||
+ | ― Հիմա կարող եմ ներել նրան, եթե նույնիսկ մեկ միլիոն հանցանք գործած լինի։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==ԳլուխXXI== | ||
+ | |||
+ | |||
+ | Թոմին համբուրելիս մորաքույր Պոլիի դեմքը այնպիսի արտահայտություն ուներ, որն տղայի վատ տրամադրությունը չքացրեց և նրան նորից դարձրեց թեթևասիրտ և երջանիկ։ Նա դպրոց գնաց և բախտ ունեցավ Միդս Լեյն մարգագետնի եզրին Բեքի Թեչըրին հանդիպելու։ Նրա տրամադրությունը միշտ որոշում էր անելիքը։ Առանց մի պահ վարանելու, նա վազեց աղջկա մոտ և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այսօր ես շատ վատ վարվեցի, Բեքի, և այնպես ցավում եմ։ Ես այլևս այդպես չեմ անի, ինչքան ապրեմ։ Խնդրում եմ՝ հաշտվենք, այո՞։ | ||
+ | |||
+ | Աղջիկը կանգ առավ և արհամարհանքով նայեց տղայի դեմքին։ | ||
+ | |||
+ | ― Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք ձեզ ինձնից հեռու պահեք, միստեր Թոմաս Սոյեր։ Ես ձեզ հետ երբեք չեմ խոսի։ | ||
+ | |||
+ | Նա գլուխը թափ տվեց ու կողքով անցավ։ Թոմն այնպես շշմեց, որ նույնիսկ չկարողացավ պատասխանել․ «Շատ հոգս է, օրիորդ Խելոք»։ Պատասխանելու համար պահն արդեն անցել էր։ Նա ոչինչ չասաց, բայց այնուամենայնիվ կատաղեց։ Մտավ դպրոցի բակը, ցանկանալով, որ Բեքին տղա լիներ և պատկերացնելով, թե ինչպես պիտի ծեծեր նրան։ Այդ պահին նա անցավ աղջկա կողքով և վիրավորական խոսք նետեց։ Աղջիկը նույն ձևով պատասխանեց, և բաժանումը կատարյալ դարձավ։ Բարկացած Բեքին անհամբեր սպասաում էր, որ դասը վերսկսվի։ Ուզում էր տեսնել, թե ինչպես է Թոմը ծեծ ուտելու կեղտոտված գրքի համար։ Եթե նա երբևէ մտածել էր Ալֆրեդ Տեմպլին մատնելու մասին, Թոմի վիրավորական խոսքերից հետո այդ միտքը լրիվ չքացավ։ | ||
+ | |||
+ | Խեղճ աղջիկ, չգիտեր, թե վտանգը ինչքան մոտ է իրեն։ | ||
+ | |||
+ | Ուսուցիչ միստր Դոբինսը միջին տարիքի էր հասել չիրագործված երազանքով։ Նրա նվիրական ցանկությունն էր բժիշկ դառնալ, բայց աղքատությունը նրան դատապարտել էր դառնալու ոչ ավելին, քան գյուղական դպրոցի ուսուցիչ։ Ամեն օր նա մի խորհրդավոր գիրք էր հանում դարակից և զբաղվում դրանով, երբ աշակերտները դաս չէին պատասխանում։ Այդ գիրքը կողպեքի տակ էր պահվում։ Դպրոցում ոչ մի տղա չկար, որ չմեռներ այդ գրքի վրա մի հայացք գցելու ցանկությունից, բայց երբեք առիթ չէր լինում։ Յուրաքանչյուր տղա կամ աղջիկ իր կարծիքն ուներ այդ գրքի էության մասին, բայց ոչ մի կարծիք չէր համնկնում մյուսի հետ, և ոչ մի ճանապարհ չկար, ճշմարտությունը պարզելու։ Երբ Բեքին անցնում էր սեղանի մոտով, որը դռան մոտ էր, նկատեց, որ բանալին կողպեքի վրա է։ Թանկագին առիթ էր։ Աղջիկը շուրջը նայեց։ Մենակ էր։ Հաջորդ վայրկյանին գիրքը նրա ձեռքին էր։ Առաջին էջի ինչ֊որ պրոֆեսորի «Անատոմիա»֊ն նրա ուղեղին անհասկանալի մնաց։ Սկսեց էջերը թերթել։ Անմիջապես հասավ մարդկային դեմքի մի գեղեցիկ ու գունավոր նկարի։ Այդ պահին մի ստվեր ընկավ էջի վրա, և թոմ Սոյերը ներս մտավ ու մի հայացք գցեց նկարին։ Բեքին շտապեց գիրքը փակել և դժբախտություն ունեցավ նկարազարդ էջը մինչև կեսը պատռելու։ Նա գիրքը դրեց դարակի մեջ, բանալին դարձրեց ու բարկությունից լաց եղավ։ | ||
+ | |||
+ | ― Թոմ Սոյեր, ավելի ստոր լինել չեք կարող․ հետևել մեկին ու լրտեսել, թե նա ինչի է նայում։ | ||
+ | |||
+ | ― Ես ինչի՞ց իմանայի, որ դուք մի բանի եք նայում։ | ||
+ | |||
+ | ― Դուք պետք է ձեզնից ամաչեք, Թոմ Սոյեր։ Անշուշտ կմատնեք ինձ։ Եվ ի՞նչ պիտի անեմ ես, ի՞նչ պիտի անեմ։ Ինձ կծեծեն, իսկ ինձ դպրոցում երբեք չեն ծեծել։ | ||
+ | |||
+ | Հետո նա փոքրիկ ոտքը գետնին խփեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այդքան ստորացիր, եթե ուզում ես, իսկ ես մի բան գիտեմ, որը շուտով լինելու է։ Սպասիր և կտեսնես։ Ատելի, ատելի, ատելի տղա։ ― Եվ լացի մի նոր պոռթկումով սենյակից դուրս նետվեց։ | ||
+ | |||
+ | Թոմը մնաց անշարժ, այս հարձակումից շշմած։ Հետո ասաց ինքն իրեն․ | ||
+ | |||
+ | ― Ինչ հետաքրքիր խենթ է այս աղջիկը։ Դպրոցում երբեք չեն ծեծել։ Ի՞նչ մեծ բան է ծեծվելը։ Իսկական աղջիկ է։ Դրանք շատ նուրբ մաշկ ունեն ու հավի սիրտ։ Դե, իհարկե, ես այդ Դոբինսին չեմ ասի այս փոքրիկ գժի մասին․ հաշիվ մաքրելու ուրիշ ձևեր կան, որ ստոր չեն։ Բայց դրանից ի՞նչ դուրս կգա։ Ծեր Դոբինսը հարցնելու է, թե ո՞վ է պատռել իր գիրքը։ Ոչ ոք չի պատասխանի։ Հետո վարվելու է այնպես, ինչպես սովոր է․ մեկ֊մեկ կհարցնի բոլորին, իսկ երբ հասնի հանցավորին, գլխի կընկնի առանց խոստովանելու։ Աղջիկների դեմքերը նրանց միշտ մատնում են։ Դիմացկուն չեն։ Սա ծեծ կուտի։ Դա Բեքի Թեչըրի համար վատ է, որովհետև խուսափելու տեղ չունի։ Թոմը մի փոքր մտածեց, հետո ավելացրեց․ ― Շատ լավ է․ կուզենար տեսնել ինձ այդ վիճակում, հիմա թող իր վրա փորձի։ | ||
+ | |||
+ | Թոմը միացավ միջանցքում խաղացող աշակերտներին։ Մի քանի րոպեից ուսուցիչը վերադարձավ և աշակերտներին ներս տարավ։ Թոմը դասերով առանձնապես չէր հետաքրքրքվում։ Ամեն րոպե հայացք էր գցում աղջիկների կողմը, և Բեքիի դեմքը մտահոգում էր նրան։ Ամեն ինչ հաշվի առնելով, նա չէր ուզում խղճալ աղջկան, բայց չէր կարողանում։ Չէր կարողանում ուրախանալ նրա վիճակով։ Շուտով ընթերցանության գրքի գաղտնիքը բացվեց, և Թոմի միտքը որոշ ժամանակ զբաղվեց իր հարցով։ Բեքին դուրս եկավ իր ճնշված վիճակից և մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այդ իրադարձության նկատմամբ։ Նա չէր սպասում, որ Թոմը կկարողանա գլխացավանքից ազատվել, ասելով, թե ինքը չի թափել թանաքը։ Եվ նա իրավացի էր։ Թոմի ուրացումը ավելի վատթարացրեց գործը։ Բեքին կարծում էր, թե ինքը կուրախանա դրա համար, բայց այդպես չեղավ։ Երբ գործը հասավ ամենավատին, նա ցանկացավ վեր կենալ և ասել Ալֆրեդ Տեմպլի մասին, բայց ճիգ գործադրեց ու իրեն ստիպեց լուռ մնալ, որովհետև, ասաց նա ինքն իրեն, Թոմն անշուշտ կհայտնի գիրքը պատռելու մասին։ «Նույնիսկ դրա կյանքը ազատելու համար մի բան չեմ ասի», ― որոշեց նա։ | ||
+ | |||
+ | Թոմը ծեծ կերավ ու տեղը վերադարձավ առանց վիրավորանք զգալու․ մտածում էր, թե երևի խաղի ժամանակ, առանց իմանալու, ինքը շուռ տված լինի թանաքը ընթերցանության գրքի վրա։ Նա ուրացավ ձևի համար, որովհետև այդպես էր ընդունված, և համառեց իր խոսքի վրա՝ ի սեր սկզբունքի։ | ||
+ | |||
+ | Մի ամբողջ ժամ անցավ։ Ուսուցիչն իր գահի վրա ննջում էր։ Օդը լցված էր դաս սերտելու բզզոցով։ Ի վերջո միստր Դոբինսը ուղղվեց, հորանջեց, հետո բացեց դարակը և ձեռքը երկարեց գրքին, բայց դեռ չէր վճռել՝ գիրքը հանի՞, թե թողնի։ Աշակերտների մեծամասնությունը անտարբեր մնաց, բայց կային երկուսը, որ նրա շարժումները դիտում էին ուշադրությամբ։ Միստր Դոբինսը գիրքը մտացրիվ շուռ տվեց, հետո դուրս բերեց և աթոռի վրա տեղավորվեց՝ կարդալու։ | ||
+ | |||
+ | Թոմը մի հայացք գցեց Բեքիի կողմը։ Աղջիկը գրքին նայում էր այնպես, ինչպես հալածված ու անպաշտպան նապաստակը իր գլխին ուղղված հրացանին։ Թոմն իսկույն մոռացավ աղջկա հետ ունեցած վեճը։ Մի բան պետք է մտածել՝ շտապ, կայծակի արագությամբ։ Բայց շտապողականության անհրաժեշտությունը նրան մտածելու անկարող դարձրեց։ Ահա, նա մի ներշնչում ունեցավ․ կվազի, գիրքը կխլի, դռնից դուրս կնետվի և կփախչի։ Բայց այդ որոշումը կայացնելիս տղան մի վայրկյան տատանվեց և հարմար առիթը բաց թողեց։ Ուսուցիչը բացեց գիրքը։ Երանի կորած առիթը նորից ներկայանար Թոմին։ Շատ ուշ էր․ ոչինչ չէր կարող այժմ Բեքիին օգնել։ Հաջորդ պահին ուսուցիչը նայեց դասարանին։ Նրա հայացքի տակ բոլոր աչքերը խոնարհվեցին։ Այդ հայացքի մեջ մի բան կար, որից անմեղներն էլ սարսափում էին։ Մինչև տասը հաշվելու չափ լռություն տիրեց։ Ուսուցիչը ցասումն էր կուտակում։ Հետո նա խոսեց․ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է պատռել գիրքը։ | ||
+ | |||
+ | Ոչ մի պատասխան չեղավ։ Եթե հատակին ասեղ ընկներ, ձայնը կլսվեր։ Լռությունը շարունակվեց։ Ուսուցիչը դեմք֊դեմքի ետևից քննեց հանցանքի նշան գտնելու համար։ | ||
+ | |||
+ | ― Բենջամեն Ռոջըրս, դո՞ւք պատռեցիք գիրքը։ | ||
+ | |||
+ | Բացասական պատասխան։ Նորից լռություն։ | ||
+ | |||
+ | ― Ջոզեֆ Հարպըր, դո՞ւք պատռեցիք։ | ||
+ | |||
+ | Նորից ժխտում։ Այս արարողության դանդաղ տանջանքի տակ Թոմի անհանգստությունը գնալով ավելանում էր։ Ուսուցիչը նայեց տղաների շարքին, մի պահ մտածեց, հետո նորից դարձավ աղջիկներին․ | ||
+ | |||
+ | ― Էմի Լաուրե՞նս։ | ||
+ | |||
+ | Գլխի բացասական շարժում։ | ||
+ | |||
+ | ― Գրեյսի Մի՞լըր։ | ||
+ | |||
+ | Նույն շարժումը։ | ||
+ | |||
+ | ― Սյուզան Հարպըր, դո՞ւք պատռեցիք։ | ||
+ | |||
+ | Նորից բացասական շարժում։ Հաջորդ աղջիկը Բեքի Թեչըրն էր։ Թոմը ոտքից գլուխ հուզմունքից դողում էր, զգալով դրության անհուսալիությունը։ | ||
+ | |||
+ | ― Ռեբեքա Թեչըր (Թոմը նայեց աղջկա դեմքին․ սարսափից սպիտակել էր), դո՞ւք պատռեցիք, ո՞չ, դեմքիս նայեք (աղջկա ձեռքերը աղերսական բարձրացան), դո՞ւք պատռեցիկ գիրքը։ | ||
+ | |||
+ | Մի միտք փայլատակեց Թոմի ուղեղում։ Նա վեր թռավ և գոռաց․ | ||
+ | |||
+ | ― Ես եմ արել։ | ||
+ | |||
+ | Ամբողջ դպրոցը տարակուսանքով նայեց այս անհավատալի խենթությանը։ Թոմը մի պահ կանգնեց հավաքելու համար ուժերը և երբ գնաց իր պատժին ընդառաչ, զարմանքը, շնորհակալությունը, պաշտամունքը, որ Բեքիի աչքերից ճառագայթում էին, հարյուր հարվածի վարձատրություն թվաց։ Իր արարքի փայլով ներշնչված, նա ընդունեց միստր Դոբինսի երբևէ տված ամենաանխիղճ հարվածները։ Նույն անտարբերությամբ ընդունեց դպրոցից հետո երկու ժամ մնալու հավելյալ պատիժը, որովհետև գիտեր, թե ո՞վ է իրեն դրսում սպասելու, երբ իր գերությունը վերջանա։ Եվ դպրոցում մնալու ձանձրալի ժամերը կորուստ չէր համարում։ | ||
+ | |||
+ | Այդ գիշեր Թոմը անկողին մտավ Ալֆրեդ Տեմպլերի դեմ վրեժ ծրագրելով, որովհետև ամոթով ու զղջումով Բեքին ամեն ինչ պատմել էր, չմոռանալով իր դավաճանությունը։ Բայց նույնիսկ վրեժ լուծելու մարմաջը շուտով տեղի տվեց ամենահաճելի մտածումներին․ նա ի վերջո քնեց Բեքիի վերջին խոսքերը ականջում․ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ինչպե՞ս կարող ես այդքան ազնիվ լինել։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXII== | ||
+ | |||
+ | |||
+ | Արձակուրդները մոտենում էին։ Միշտ խստապահանջ ուսուցիչը ավելի խստացավ և ավելի պահանջկոտ դարձավ, որովհետև ցանկանում էր, որ աշակերտները հաջող հանդես գային քննությունների օրը։ Նրա փայտն ու քանոնը այժմ շատ քիչ էին անգործ մնում, հատկապես փոքր աշակերտների շրջանակում։ Միայն ամենամեծ տղաները և տասնութ֊քսան տարեկան օրիորդներն էին զերծ մնում պատժից։ Միստր Դոբինսի պատիժները շատ խիստ էին։ Թեև նա կեղծամի տակ կրում էր բոլորովին ճաղատ ու փայլուն գլուխ, հազիվ միջին տարիքի էր և մկաններում թուլության նշան անգամ չուներ։ Նշանավոր օրվա մոտենալու հետ նրա մեջ եղած ամբողջ բռնակալությունը երևան էր գալիս։ Թվում էր, թե նա հաճույք էր զգում ամենափոքր հանցանքի համար իսկ պատժելուց։ Հետևանքը լինում էր այն, որ փոքր տղաները իրենց օրն անց էին կացնում սարսափի մեջ, իսկ գիշերները վրեժխնդրություն ծրագրելով։ Նրանք ոչ մի առիթ բաց չէին թողնում ուսուցչին գլխացավանք պատճառելու համար։ Բայց առավելությունը միշտ մնում էր ուսուցչի կողմը։ Վրեժխնդրության յուրաքանչյուր հաջող արարքին հետևող ճնշումը այնքան հիմնական ու արքայական էր լինում, որ տղաները ռազմադաշտից հեռանում էին մեծ կորուստներով։ Ի վերջո նրանք միասնաբար դավադրեցին, մի ծրագիր մշակեցին, որ փայլուն հաղթանակ էր խոստանում։ Խոսեցին ցուցանակներ գրողի տղայի հետ, իրենց ծրագիրը հայտնեցին և նրանից օգնություն խնդրեցին։ Այդ տղան իր ուրույն պատճառներն ուներ ուրախանալու, որովհետև ուսուցիչն ապրում էր իրենց ընտանիքի հետ և բազմաթիվ առիթներ էր ստեղծել՝ իրեն ատելու։ Ուսուցչի կինը մի քանի օրից գյուղ էր մեկնելու, և ծրագրի իրագործմանը խանգարող ոչ մի արգելք չկար։ Նման կարևոր իրադարձություններին ուսուցիչը միշտ լավ էր պատրաստվում՝ հարբելով։ Ցուցանակ գրողի տղան ասաց, որ երբ նա քննության երեկոյին հասնի հարմար բարձրության և ննջի իր աթոռի վրա, ինքը «գործը գլուխ կբերի»։ Հետո ճիշտ ժամանակին կարթնացնի և կշտապեցնի դպրոց։ | ||
+ | |||
+ | Ամեն ինչ եղավ ծրագրվածի պես։ Երեկոյան ժամը ութին դպրոցը պայծառ լուսավորված էր և զարդարված տերևներով ու ծաղիկներով։ Ուսուցիչը նստել էր իր մեծ աթոռին, ինչպես գահի վրա՝ բարձր դիրքով, գրատախտակի ետևում։ Նա բավականաչափ խմածի տեսք ուներ։ Յուրաքանչյուր կողմի երեք շարքի նստարաններն ու կենտրոնի վեց շարք նստարաններն զբաղեցրել էին քաղաքի նշանավոր անձինք և աշակերտների ծնողները։ Ձախ կողմում, քաղաքացիների շարքի ետևում, կար ժամանակավորապես շինված մի ընդարձակ տախտակամած, որտեղ նստել էին երեկոյան քննություններին հանդես եկող աշակերտները։ Լվացված ու զգեստավորված տղաների շարքեր, անհանգիստ լինելու աստիճան հուզված պատանիների շարքեր և, վերջապես, փոքրիկ աղջիկների ու դեռատի օրիորդների շարքեր, որոնք զարդարված էին նուրբ զգեստներով և ցուցադրում էին իրենց մերկ թևերը, իրենց տոտիկների զարդերը, իրենց վարդագույն ու կապույտ ժապավենները, մազերի մեջ դրած ծաղիկները։ Սրահի մնացած մասը լցված էր քննություններին չմասնակցող դպրոցականներով։ | ||
+ | |||
+ | Քննություններն սկսվեցին։ Մի շատ փոքր տղա կանգնեց և ամաչելով արտասանեց՝ «Դուք հազիվ թե սպասեք, որ իմ տարիքի մի տղա արտասանի» և այլն։ Նա իր խոսքերին միացնում էր տանջանքով հարմարեցված այնպիսի շարժումներ, որ մի փչացած մեքենա էլ կարող էր անել։ Բայց նա մի կերպ ավարտեց, թեև շատ վախվորած, արժանանալով ծափահարությունների, գլուխ տվեց ու հեռացավ։ | ||
+ | |||
+ | Ամոթխած դեմքով մի աղջիկ թոթովեց․ «Մերին ուներ մի փոքր գառ» և այլն, հաճելի ձևով գլուխ տվեց, ստացավ ծափերի իր բաժինը, նստեց շիկնած ու երջանիկ։ | ||
+ | |||
+ | Թոմ Սոյերը կեղծ համարձակությամբ բեմ եկավ ու արտասանեց հին, բայց անմեռ «Ինձ ազատություն տվեք կամ մահ» ճառը՝ հրաշալի կատարումով, ձեռքի ուժեղ շարժումներով և կեսին կանգ առավ։ Հասարակության առաջ խայտառակվելու սարսափը տիրեց նրան, սրունքները դողացին, շունչը կտրվեց։ Ճիշտ է, դահլիճի համակրանքը նրա կողմն էր, բայց կար նաև դահլիճի լռությունը, որն ավելի վատ էր, քան այդ համակրանքը։ Ուսուցիչը հոնքերը կիտեց և այդ աղետը լրացրեց․ Թոմը հեռացավ վերջնականապես պարտված։ Մի թույլ փորձ եղավ ծափահարելու, բայց դա շուտով մարեց։ | ||
+ | |||
+ | Այնուհետև արտասանվեցին «Տղան կանգնեց իր այրվող տախտակամածին», «Ասորիները գնում էին» և այլ ոտանավորներ։ Հետո ընթերցանության քննություններ եղան։ Անցան երեկոյի ամենակարևոր իրադարձությանը՝ երիտասարդ աղջիկների «ինքնատիպ» շարադրություններին։ Աղջիկները հերթով գալիս էին բեմի ծայրը, կոկորդները մաքրում, բարձրացնում ձեռագիրը (որը կապված էր սիրուն ժապավենով) և սկսում կարդալ, մեծ ուշադրություն դարձնելով հնչյուններին ու կետադրությանը։ Թեմաները նույնն էին, ինչ եղել էին նման առիթներով նրանց մայրերի, տատիկների թեմաները և, անկասկած, իգական գծով բոլոր նախորդների թեմաները, մինչև խաչակիրները։ «Բարեկամություն», «Անցած օրերի հիշողություն», «Կրոնը պատմության մեջ», «Երազների աշխարհ», «Կուլտուրայի առավելությունները», «Քաղաքական կառավարության ձևերը՝ համեմատված և հակադրված», «Տխրություն», «Որդիական սեր», «Սրտի երազանքներ» և այլն, և այլն։ | ||
+ | |||
+ | Այս շարադրությունների գլխավոր հատկությունը ընդգծված և մաշված թախիծն էր, անօգուտ և առատ «գեղեցիկ լեզուն», բացի դրանից, ինչ֊որ ձևով ախորժալուր բառեր և նախադասություններ գործածելու, դրանք հոգեհան անելու մեծ ճիգը։ Մի հատկանիշ էլ կար, որ շեշտված էր և ամեն ինչ խճողում էր։ Դա բարոյախոսությունն էր, որը բոլոր ելույթների վերջում իր պոչն էր ցցում։ Անկախ նրանից, թե ինչ էր թեման, մեծ ճիգ էր թափված, որպեսզի այն հարմարվեր բարոյական ու կրոնական մտքին։ Հակառակ քարոզների բացահայտ անլրջությանը, դրանք ոչ մի կերպ չես կարող դեն նետել։ Մինչև այսօր էլ դրանք իշխում են մեր դպրոցներում և չեն համարվում բավարար չափով մատուցված։ Գուցե երբեք էլ բավարար չհամարվեն, քանի դեռ աշխարհը գոյություն ունի։ Մեր ամբողջ երկրում չկա մի դպրոց, որտեղ երիտասարդ աղջիկները ստիպված չլինեն իրենց շարադրությունները եզրափակել բարոյախոսությամբ։ Կարող է պատահել, որ դպրոցի ամենաթեթևամիտ ու ամենաանստված աղջկա բարոյախոսությունը ամենաերկարը և ամենաաստվածավախը լինի։ Բայց բավական է այս մասին։ Ճշմարտությունը ոչ ոքի ճաշակով չէ։ Վերադառնանք «քննություններին»։ Ընթերցված առաջին շարադրությունը վերնագրված էր․ «Ա՛յս է ուրեմն կյանքը»։ Գուցե ընթերցողը դիմանա դրա մի հատվածին։ | ||
+ | |||
+ | «Կյանքի հասարակ ճանապարհներին ինչ հուզումներով է երիտասարդի միտքը նայում ապագա ուրախ տեսարաններին։ Երևակայությունը հաճույքի վարդագույն պատկերներ է նկարում։ Երազներում մոդաների երկրպագուն իրեն տեսնում է տոնական շրջապատում, որտեղ ինքը դառնում է «դիտված բոլոր դիտողներից»։ Ձյունասպիտակ շրջազգեստի մեջ երևացող շնորհալի մարմինը ուրախ պարի շրջապտույտների մեջ է, նրա աչքերը ամենափայլունն են, քայլվածքը՝ ուրախ շրջապատի ամենաթեթև քայլվածքը։ Նման հաճելի զվարճություններով սահում անցնում է ժամանակը, և հասնում է այն օրը, երբ նա պետք է մուտք գործի էլիզյան աշխարհ, որի մասին այնքան պայծառ երազներ է փայփայել։ Ինչպես է ամեն ինչ նրա երջանիկ հայացքին երևում հեքիաթային։ Յուրաքանչյուր նոր տեսարան ավելի գրավիչ է դառնում, քան նախորդը։ Բայց շուտով նա գտնում է, որ այս գեղեցիկ արտաքինի ետևում ամեն ինչ ունայն է։ Գովեստները, որոնք մի ժամանակ գրավում էին հոգին, այժմ տհաճ է հնչում ականջին։ Պարահանդեսի սրահը կորցնում է գրավչությունը, և կորցրած առողջությամբ ու դառնացած սրտով նա հեռանում է այն համոզմամբ, որ երկրային հաճույքները չեն կարող բավարարել հոգու պահանջները։ | ||
+ | |||
+ | Եվ այսպես շարունակ։ Ընթերցանության ժամանակ լսվում էին համաձայնության մրմունջներ, շշուկով արված դիտողություններ․ «որքան լավ է» է, «որքան գեղեցիկ է ասված», «ինչ ճշմարտություն» և այլն։ Երբ շարադրությունն ավարտվեց չափազանց ձանձրալի բարոյախոսությամբ, ոգևորված ծափահարեցին։ | ||
+ | |||
+ | Հետո վեր կացավ մի նիհար, թախծոտ աղջիկ։ Դեմքն ուներ «հետաքրքրիր» գունատություն, որ արդյունք էր դեղերի և վատ մարսողության։ Նա կարդաց մի «բանաստեղծություն»։ Երկու տունը բավական կլինի․ | ||
+ | |||
+ | Միսուրինցի աղջկա հրաժեշտը Ալաբամային | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Ալաբամա, մնաս բարով։ Ես քեզ այնքան եմ սիրում, | ||
+ | Սակայն շուտով պիտի թողնեմ ու հեռանամ քեզանից։ | ||
+ | Տխուր, այո, տխուր խոհեր են իմ սիրտը պարուրում, | ||
+ | Եվ ծանրանում են ճակատիս այրող հուշերը նորից․ | ||
+ | Թափառել եմ քո ծաղկավետ պուրակների ստվերում, | ||
+ | Նավարկել ու գիրք կարդացել Տալապոզյան ջրերում, | ||
+ | Ունկնդրել եմ Տալասիի ալիքներին հողմավոր | ||
+ | Եվ Քուզայի կողմից դիտել արշալույսը հրավառ․․․ | ||
+ | ․․․ Սակայն ամոթ չեմ զգա ես իմ սրտի խոր հուզմունքից, | ||
+ | Չեմ կարմրի իմ աչքերից հոսող առատ արցունքից․ | ||
+ | Ինձ օտար չէ այն երկիրը, որից պիտի բաժանվեմ, | ||
+ | Օտարին չէ, որ այս չքնաղ հողը պիտի ես թողնեմ։ | ||
+ | Այս նահանգում իմ բաժինը տունն էր, գալուստը բարի․․․ | ||
+ | Ես թողնում եմ հովիտ ու դաշտ, աշտարակներ վիթխարի, | ||
+ | Սառած պետք է սիրտս լինի, իմ աչքերը և tete֊ը, | ||
+ | Երբ սիրելի Ալաբամա, արդեն նայեմ քեզ սառը․․․ | ||
+ | |||
+ | </poem> | ||
+ | |||
+ | Այդտեղ գտնվողներից շատ քչերն էին հասկանում tete բառի իմաստը, բայց այնուամենայնիվ բանաստեղծությունը շատ գոհացուցիչ գտան։ | ||
+ | |||
+ | Հաջորդը բեմ բարձրացավ թխադեմ, սևաչյա, սևահեր մի օրիորդ, որը մի պահ կանգնեց տպավորիչ կերպով, ընդունեց դեմքի ողբերգական արտահայտություն և չափված, լուրջ տոնով կարդաց․ | ||
+ | |||
+ | Տեսիլք | ||
+ | |||
+ | «Մութ ու փոթորկալից գիշեր էր։ Երկնային գահի շուրջը ոչ մի աստղ չէր փայլփլում, բայց մարդու ականջին շարունակ հասնում էին ինչ֊որ որոտներ։ Սարսափելի կայծակը մարդկանց ցույց էր տալիս երկնքի սենյակները, կարծես արհամարհելով այն իշխանությունը, որ ձեռք էր բերել նշանավոր Ֆրանկլինը նրանց սարսափելի ուժի նկատմամբ։ Նույնիսկ կատաղի քամիները միահամուռ դուրս էին գալիս իրենց խորհրդավոր ապաստարաններից և մրրկում, կարծես իրենց օգնությամբ ավելի ահավոր դարձնելով այդ վայրի տեսարանը։ Այդ պահին այնքան մութն էր, որ իմ տխուր սիրտը մարդկային հոգու համար հառաչում էր։ Բայց․․․ | ||
+ | |||
+ | Իմ ամենաթանկ բարեկամը, իմ խորհրդատուն, իմ մխիթարողն ու առաջնորդը, | ||
+ | |||
+ | Մշուշի մեջ իմ ուրախությունը, ուրախության մեջ իմ օրհնությունը եկավ ինձ մոտ։ | ||
+ | |||
+ | Նա քայլում էր նման այն պայծառ արարածներին, որոնց Եդեմի արևոտ ուղիներում նկարել են երիտասարդ մարդիկ։ Դա գեղեցկության մի թագուհի էր, որ պաշտվում է իրենից բխող գեղեցկության համար։ Այնքան մեղմ էին նրա քայլերը, որ նույնիսկ ձայն չէր լսվում, բացի մոգական մի հնչյունից, որ ուղեկցում էր նրա շփումին, ինչպես ուրիշ անշոշափելի գեղեցկություններ, նա կարող էր սահել֊հեռանալ, անտեսանելի, անհպելի։ Մի տարօրինակ տխրություն իջել էր նրա դեմքին, ինչպես սառը արցունքներ՝ դեկտեմբերի շորերի վրա, երբ նա ցույց տվեց դրսի տարերքը և երկու ներկայացված արարածներին»։ | ||
+ | |||
+ | Այս մղձավանջը գրավել էր ձեռագիր տասը էջ և ավարտվում էր մի բարոյախոսությամբ, որը ոչ֊ավետարանականների համար փրկության ոչ մի հույս չէր թողնում։ Ստացավ առաջին մրցանակը։ Այս շարադրությունը այդ երեկոյի լավագույն գործը համարվեց։ Քաղաքապետը մրցանակը հեղինակին հանձնելով, մի ջերմ ճառ արտասանեց և ասաց, որ դա իր լսած լավագույն գրվածքն էր և Դանիել Ուեբստերը կարող էր դրանով հպարտ լինել։ | ||
+ | |||
+ | Ի միջի այլոց, պետք է անցողակի նկատել, որ այն շարադրությունները, որոնց մեջ շատ էր «գեղեցկագույն» բառը և մարդկային փորձառությունը կոչվում էր «կյանքի էջ», սովորականից քիչ չէին։ | ||
+ | |||
+ | Ի վերջո, ուսուցիչը հարբածության համարյա գագաթնակետին, աթոռը մի կողմ դրեց, մեջքը ունկնդիրներին դարձրեց և սկսեց գրատախտակի վրա գծել Ամերիկայի քարտեզը՝ աշխարհագրության քննության համար։ Բայց ձեռքը դողում էր, և տխուր բան ստացվեց։ Սենյակում մեղմ ծիծաղ լսվեց։ Նա կռահեց, թե ինչը ինչոց է և փորձեց ուղղել այն։ Գծերը ջնջեց և նորից գծեծ։ Բայց ավելի վատթարացրեց դրանք, իսկ ծիծաղը ավելի շեշտված հնչեց։ Նա իր ամբողջ ուշադրությունը նվիրեց իր աշխատանքին, վճռեց գինու ազդեցությանը չենթարկվել։ Զգում էր, որ բոլոր աչքերը իրեն են ուղղված, թվաց, թե գործը հաջողվում է, բայց ծիծաղը շարունակվում էր, նույնիսկ որոշակիորեն սաստկացավ։ Եվ դա զարմանալի չէր։ Ուսուցչի գլխավերևում, առաստաղում մի ճեղք կար։ Այդ ճեղքից ցած էր կախվում ետևի ոտքերից կապված մի կատու։ Գլուխը փալասով փաթաթել էին, որ չմլավի։ Ներքև կախվելիս կատուն վեր էր ձգտում և աշխատում պարանը բռնել, բայց ցած էր կախվում, կառչում օդից։ Ծիծաղը գնալով ավելի սաստկացավ։ Կատուն վեց դյույմ էր հեռու իր գործով տարված ուսուցչի գլխից։ Ցած, ցած, մի քիչ էլ, և կատուն հուսահատ ճանկերը խրեց ուսուցչի կեղծամի մեջ, կառչեց և իր ավարի հետ մի ակնթարթում քաշվեց վերև, առաստաղի ճեղքից դուրս։ Եվ ինչպես էր լույսը փայլեցնում ուսուցչի ճաղատ գլուխը․ ցուցանակ գրողի տղան ոսկեգույն էր ներկել այն։ | ||
+ | |||
+ | Դրանով էլ ավարտվեց երեկոն։ Տղաների վրեժը լուծված էր։ Արձակուրդներն սկսվեցին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXIII== | ||
+ | |||
+ | |||
+ | Թոմը միացավ «պատանի ժուժկալների» միությանը՝ գայթակղված նրանց փայլուն զարդանշանով։ Խոստացավ չծխել, ծխախոտ չծամել և սրբապղծություն չանել, քանի դեռ անդամ է։ Իսկույն նոր հայտնագործություն կատարեց․ այն է՝ մի բան չանելու խոստումը աշխարհում ամենա ապահով միջոցն է, որ մարդ ուզի հենց այդ բանը անել։ Շուտով Թոմն զգաց, որ տանջվում է խմելու և հայհոյելու ցանկությունից։ Ցանկությունն այնքան ուժեղացավ, որ միայն կարմիր փողկապով երևալու հեռանկարն էր նրան ետ պահում ընկերությունից դուրս գալու մտքից։ Հուլիսի չորսը մոտենում էր, բայց շուտով նա հոգնեց այդ տոնին սպասելուց, հոգնեց իր նշանը օգտագործելու ժամկետից քառասունութ ժամ առաջ և հույսը դրեց ծեր դատավոր Ֆրեյզըրի վրա, խաղաղության պաշտպանի, որը հավանաբար իր մահվան մահճումն էր և հասարակական մեծ թաղում պետք է լիներ, քանի որ նա այդքան բարձր պաշտոնյա էր։ Ամբողջ երեք օր Թոմը խիստ հետաքրքրվում էր դատավորի վիճակով և ծարավ էր այդ նյութի շուրջը եղած որևէ նորության։ Երբեմն այնքան էր հուսադրվում, որ դուրս էր բերում իր բոլոր զարդանշանները և հայելու առաջ փորձում։ Բայց դատավորի վրա հույս դնելը շատ անհուսալի բան դուրս եկավ։ Ի վերջո հայտարարվեց, որ դրությունը փոխվում է, իսկ ավելի ուշ, որ առողջանում է։ Թոմը զզվեց ու միաժամանակ իրեն վիրավորված զգաց։ Նա անմիջապես հրաժարական տվեց։ Այդ գիշեր դատավորը մի նոր նոպա ունեցավ ու մահացավ։ Թոմը որոշեց, նման մարդկանց այլևս չհավատալ։ Թաղումը հրաշալի անցավ․ «պատանի ժուժկալները» այնպես տողանցեցին, որ կարծես ուզում էին նախանձից սպանել նախկին անդամին։ | ||
+ | |||
+ | Բայց այնուամենայնիվ Թոմը նորից ազատ տղա էր։ Դա մի բան նշանակում էր։ Նա կարող էր խմել և հայհոյել, բայց ի զարմանս իրեն, տեսավ, որ արդեն չի ուզում։ Այն մտքից, որ կարող է, չքացավ ամեն մի ցանկություն ու հետաքրքրություն։ | ||
+ | |||
+ | Այժմ Թոմը զարմանում էր՝ գլխի ընկնելով, որ այնքան ցանկալի արձակուրդը ճնշում է և ձանձրացնում։ | ||
+ | |||
+ | Նա փորձեց օրագիր պահել, բայց հաջորդ երեք օրվա ընթացքում ոչ մի դեպք չպատահեց, և նա թողեց այդ մտադրությունը։ | ||
+ | |||
+ | Ի վերջո քաղաք եկավ նեգրական մի նվագախումբ և մեծ տպավորություն գործեց։ Թոմն ու Ջո Հարպըրը նույնպես կազմակերպեցին նվագողների մի խումբ և երկու օր ուրախացան։ | ||
+ | |||
+ | Նույնիսկ հուլիսի չորսի տոնը մի տեսակ ձախողում էր, որովհետև սաստիկ անձրև եկավ, և, հետևաբար, տոնակատարություն տեղի չունեցավ։ Եվ աշխարհի ամենամեծ մարդը (ինչպես կարծում էր Թոմը), միստր Բենտոնը, Միացյալ Նահանգների մի իսկական սենատոր, իսկական հիասթափություն պատճառեց, որովհետև քսանհինգ ոտնաչափից ավելի բարձր հասակ չուներ, ոչ էլ այդ չափին էր մոտենում։ | ||
+ | |||
+ | Եկավ կրկեսը։ Դրանից հետո տղաները երեք օր հնացած կարպետներից սարքված վրանների տակ կրկես֊կրկես խաղացին՝ մուտքը տղաների համար երեք գնդասեղ, աղջիկների համար՝ երկու։ Հետո կրկեսը թողնվեց երեսի վրա։ | ||
+ | |||
+ | Մի գանգաբան և մի հիպնոսող եկան․․․ և գնացին՝ քաղաքը թողնելով առաջվանից ավելի տափակ ու ձանձրալի վիճակում։ | ||
+ | |||
+ | Տղաների և աղջիկների մի քանի երեկույթ տեղի ունեցավ, բայց դրանք այնքան քիչ էին և այնքան հրաշալի, որ ավելի ծանր էին դարձնում մնացած ժամանակը։ | ||
+ | |||
+ | Բեքի Թեչըրը գնացել էր Կոստանդնուպոլսում գտնվող իրենց տունը՝ արձակուրդները ծնողների հետ անցկացնելու։ Կյանքում ոչ մի լուսավոր տեղ չմնաց։ | ||
+ | |||
+ | Սպանության տարօրինակ գաղտնիքը մի խրոնիկ դժբախտություն էր տևականության իմաստով և ցավ պատճառելու տեսակետից պարզապես իսկական քաղցկեղ էր։ | ||
+ | |||
+ | Հետո Թոմը քութեշով հիվանդացավ։ | ||
+ | |||
+ | Ամբողջ երկու շաբաթ Թոմը պառկեց բանտարկյալի պես աշխարհի և նրա իրադարձությունների համար մահացած։ Նա շատ ծանր հիվանդ էր և ոչ մի բանով չէր հետաքրքրվում։ Երբ ի վերջո ոտքի կանգնեց ու թուլացած քայլեց քաղաքի փողոցներով, մի թախծոտ փոփոխություն էր իջել ամեն ինչի և ամեն մարդու վրա, մի «զարթոնք» էր տեղի ունեցել և բոլորը «կրոնասեր» էին դարձել, ոչ միայն չափահասները, այլ նույնիսկ տղաներն ու աղջիկները։ Թոմը շրջում էր, անհուսորեն հուսալով հանդիպել մի օրհնված մեղավոր դեմքի, բայց ամեն տեղ հիասթափության էր հանդիպում։ Նա Ջո Հարպըրին գտավ մի Կտակարան ուսումնասիրելիս և տխուր հեռացավ այդ տխուր տեսարանից։ Նա Բեն Ռոջերսին փնտրեց և գտավ այն պահին, երբ տղան աղքատներին մի տասնյակ հոգևոր բրոշյուրներ էր բաժանում։ Թոմը որսաց Ջիմ Հոլիսին, որ նրա ուշադրությունը հրավիրեց վերջին հիվանդության վրա, այն համարելով թանկագին օրհնություն՝ ուղարկված որպես նախազգուշացում։ Հանդիպած յուրաքանչյուր տղա ավելացրեց Թոմի ճնշվածությունը, և երբ նա հուսահատ, որպես վերջին ապաստարան, վազեց Հեքլբերի Ֆինի մոտ ու ընդունվեց ավետարանից վերցված մի մեջբերումով, տղայի սիրտը կոտրվեց։ Նա վերադարձավ տուն՝ իր անկողինը, գիտակցելով, որ քաղաքից միայն ինքը կորած էր ընդմիշտ, հավիտյան։ | ||
+ | |||
+ | Այդ գիշեր մի սարսափելի փոթորիկ բարձրացավ՝ քամախառն անձրևով, սարսափելի որոտով և կուրացնող կայծակով։ | ||
+ | |||
+ | Թոմը գլուխը ծածկեց վերմակով ու սարսափով սպասեց իր վախճանին․ կասկածի նշույլ անգամ չուներ, որ այդ ամբողջ իրարանցումն իր համար է։ Նա հավատում էր, որ երկնքում իշխող ուժերի համբերությունը ծայր աստիճան շահագործել էր, և այս բոլորը դրա արդյունքն էր։ Նրան կարող էր թվալ, թե միջատ սպանելու համար այդքան հանդիսավորություն և ռազմամթերք պետք չեն, բայց անհավանական ոչինչ չգտավ, որ իր նման միջատը ոչնչացնելու համար այդքան թանկարժեք փոթորիկ բարձրացվի։ | ||
+ | |||
+ | Փոթորիկը դանդաղ սպառվեց և անցավ առանց իրագործելու իր նպատակը։ Տղայի առաջին միտքը եղավ շնորհակալ լինել և փոխվել։ Երկրորդ մտածումը՝ սպասել, որովհետև կարող էր երկրորդ փոթորիկը չլինել։ | ||
+ | |||
+ | Հաջորդ օրը նորից բժիշկ կանչեցին։ Թոմի վիճակը նորից էր ծանրացել։ Այս անգամ մեջքի վրա անցկացրաց երեք շաբաթը նրան մի դար թվաց։ Ի վերջո, երբ առողջացավ ու դուրս եկավ, նա հազիվ կարող էր շնորհակալ լինել, որ աստված իրեն խնայեց, իմանալով, թե ինչպես մենակ էր լինելու, առանց ընկերների և բարեկամների։ Նա անտարբեր քայլեց փողոցով ու գտավ Ջիմ Հոլսին, որ դատավոր էր դարձել և դատում էր մի կատվի՝ սպանության համար, զոհի ներկայությամբ, որը մի թռչուն էր։ Նա Ջո Հարպըրին և Հեք Ֆինին գտավ մի փողոցում գողացած սեխ ուտելիս։ Խեղճ երեխաներ, նրանք էլ Թոմի նման նորից մոլորվել էին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXIV== | ||
+ | |||
+ | |||
+ | Ի վերջո քնած շրջապատը, այն էլ հախուռն թափով, արթնացավ․ որոշվեց մարդասպանության դատի օրը։ Դա անմիջապես դարձավ քաղաքի խոսակցության գլխավոր թեման։ Թոմը դրանից խուսափել չէր կարող։ Սպանության մասին ամեն մի ակնարկ լսելիս նրա սիրտը ճմլվում էր, որովհետև անհանգիստ խիղճը և վախը տղային համարյա համոզում էին, թե այդ ակնարկները արվում են իր ականջի տակ «հատուկ նպատակով»։ Նա չէր հասկանում՝ ինչու պիտի կասկածեին, թե ինքը սպանության մասին որևէ բան գիտի, բայց դարձյալ չէր կարողանում հանգիստ մնալ այդ զրույցները լսելիս։ Անընդհատ ահուդողի մեջ էր նա։ Նա Հեքին տարավ մի առանձին տեղ՝ հետը խոսելու։ Սիրտը մի ուրիշի մոտ բացելը, ծանր ապրումները մի ուրիշ տառապողի հետ կիսելը թեթևություն կլիներ։ Ավելին, նա ուզում էր հավաստիանալ, թե Հեքը գաղտնապա՞հ է մնացել։ | ||
+ | |||
+ | ― Հեք, դու երբևէ որևէ մեկին ասե՞լ ես այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ մասին։ | ||
+ | |||
+ | ― Ինքդ լավ գիտես։ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ, իհարկե ոչ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի խո՞սք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի խոսք․ հավատա։ Ինչո՞ւ ես հարցնում։ | ||
+ | |||
+ | ― Հենց այնպես․ վախենում էի։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես ասում, Թոմ, մենք երկու օր էլ ողջ չենք մնա, եթե իմացվի։ Դու այդ գիտես։ | ||
+ | |||
+ | Թոմն իրեն ավելի հանգիստ զգաց։ Մի քիչ լռելուց հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հեք, ոչ ոք չի կարող քեզ ստիպել, որ ասես, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ինձ ստիպե՞լ։ Եթե ուզենամ, որ այդ խառնածինն ինձ խեղդի, կարող են ստիպել։ Ուրիշ ճանապարհ չկա։ | ||
+ | |||
+ | ― Դե, ուրեմն՝ լավ է։ Ես կարծում եմ, որ մենք ապահով ենք այնքան ժամանակ, քանի դեռ լուռումունջ ենք։ Բայց բոլոր դեպքերում եկ նորից երդվենք։ Ավելի ապահով կլինենք։ | ||
+ | |||
+ | ― Համաձայն եմ։ | ||
+ | |||
+ | Նրանք նորից երդվեցին պատշաճ լրջությամբ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞ւմ մասին են խոսում, Հեք։ Ես այնքան բաներ եմ լսում։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւմ մասին։ Դե, Մըֆ Պոտերի։ Մըֆ Պոտեր, Մըֆ Պոտեր, միշտ Մըֆ Պոտեր։ Քրտինքը միշտ վրա է տալիս և ուզում եմ մի տեղ թաքնվել։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ նույն բանն էլ ինձ հետ է պատահում։ Կարծում եմ, որ նա կորած է։ Մեկ֊մեկ չե՞ս խղճում նրան։ | ||
+ | |||
+ | ― Համարյա միշտ․․․ համարյա միշտ։ Նա ոչ մի մեղք չունի, ոչ ոքի էլ վատություն չի արել։ Մեկ֊մեկ ձուկ էր որսում, որ մի քիչ փող ունենար ու խմեր։ Ավելի շատ անգործ ման էր գալիս, բայց, տեր աստված, մենք բոլորս նրա պես ենք վարվում, առնվազն մեզնից շատերը, օրինակ, քարոզիչները և նրա նմանները։ Բայց նա բարի էր, անգամ ինձ մի կես ձուկ տվեց, երբ երկու հոգու բաժին էլ չուներ։ Նա ինձ շատ անգամ է օգնել, երբ փորձանքի մեջ եմ ընկել։ | ||
+ | |||
+ | ― Նա իմ կարթերն է նորոգել, Հեք, և կարթեր է դրել իմ ձողին։ Կուզենայի, որ կարողանայինք նրան ազատել։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես ասում․ ազատել չենք կարող, Թոմ։ Բացի դրանից, դա ոչ մի օգուտ չի տա․ նրան նորից կբռնեն։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպես էլ կլինի։ Բայց տանել չեմ կարողանում, երբ նրան հայհոյում են մի բանի համար, որ չի արել։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ, Թոմ․․․ Աստված իմ, ինքս էլ եմ լսել։ Ասում են, թե նա իբր ամենաարյունռուշտ սրիկան է այս ամբողջ երկրում և զարմանում են, թե ինչո՞ւ մինչև այսօր չեն կախել նրան։ | ||
+ | |||
+ | ― Այո, միշտ այդպես են խոսում։ Լսել եմ, ասում են, որ եթե ազատ արձակվի, պիտի լինչի ենթարկեն։ | ||
+ | |||
+ | ― Այդպես էլ կանեն։ | ||
+ | |||
+ | Տղաները երկար խոսեցին, բայց դա շատ քիչ հանգստացրեց նրանց։ Երբ մթնշաղն իջավ, սկսեցին թրև գալ առանձնացած փոքր բանտի շուրջը, այն անորոշ հույսով, թե գուցե մի բան պատահի և վերացնի իրենց դժվարությունները։ Բայց ոչինչ չպատահեց։ Կարծես այս անբախտ կալանավորով չէին հետաքրքրվում ոչ հրեշտակները, ոչ էլ հավերժահարսները։ | ||
+ | |||
+ | Տղաներն արեցին այն, ինչ հաճախ արել էին։ Մոտեցան խցին, ողջունեցին Պոտերին և մի քիչ ծխախոտ ու լուցկի տվեցին։ Նա գետնահարկում էր, և պահակներ չկային։ | ||
+ | |||
+ | Այդ նվերների համար հայտնած նրա շնորհակալությունը առաջներում միշտ տանջում էր նրանց խիղճը։ Այս անգամ ավելի խորն ազդեց։ Նրանք իրենց վերին աստիճանի վախկոտ և դավաճան զգացին, երբ Պոտերն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դուք իմ նկատմամբ շատ բարի եք, տղաներ, ավելի բարի, քան այս քաղաքում որևէ մեկը։ Եվ ես այդ բանը չեմ մոռանա։ Երբեք։ Հաճախ ինքս ինձ ասում եմ․ «Միշտ նորոգում էի բոլոր տղաների օդապարիկները և ուրիշ բաներ, ցույց էի տալիս, թե որտեղ կարելի է լավ ձուկ որսալ և օգնում էի նրանց ինչով կարող էի, իսկ այժմ բոլորը մոռացել են խեղճ Մըֆին, երբ նա փորձանքի մեջ է, բայց Թոմը չի մոռանում, Հեքը չի մոռանում։ Նրանք ինձ չեն մոռանում։ Այո՛, տղաներ, ես սարսափելի բան եմ արել․ խմած և խենթ եմ եղել այդ ժամանակ։ Միայն դրանով կարող եմ բացատրել և այժմ դրա համար ինձ կախելու են։ Եվ դա արդարացի է։ Արդար և լավագույն պատիժ։ Ես այդպես եմ կարծում, բոլոր դեպքերում այդպես եմ կարծում։ Լավ, այլևս դրա մասին չխոսենք։ Ես չեմ ուզում, որ դուք ձեզ վատ զգաք։ Դուք իմ բարեկամներն եք։ Բայց ահա թե ինչ եմ ուզում ասել․ երբեք մի հարբեք։ Այդ դեպքում երբեք այստեղ չեք գա։ Մի քիչ դեպի արևմուտք կանգնեք․ այդպես, երբ մարդ այսպիսի փորձանքի մեջ է, ամենամեծ մխիթարանքը բարեկամի երես տեսնելն է, իսկ բացի ձեզնից ոչ ոք այստեղ չի գալիս։ Բարեկամի բարի դեմքը։ Մեկդ մյուսի մեջքի վրա բարձրացեք, որ ձեռքս դիպչի ձեզ։ Այ, այդպես։ Իրար ձեռք սեղմենք։ Ձեր ձեռքերը ճաղերի միջով կանցնեն, իսկ իմ ձեռքերը շատ խոշոր են։ Փոքր ձեռքեր, թույլ, բայց դրանք շատ են օգնել Մըֆ Պոտերին և ավելի կօգնեն, եթե կարողանան։ | ||
+ | |||
+ | Թոմը տուն գնաց դժբախտ և նրա այդ գիշերվա երազները լիքն էին սարսափով։ Հաջորդ օրը և մյուս օրը նա թափառեց դատարանի շուրջը, հալածված համարյա անդիմադրելի մի ուժից, որ ներս գնա, բայց իրեն ստիպում էր մնալ դրսում։ Նույն փորձության մեջ էր նաև Հեքը։ Նրանք իրարից խուսափում էին։ Ժամանակ առ ժամանակ իրարից հեռանում էին, բայց նույն ձգող ուժը նորից ետ էր բերում։ Թոմը ականջները սրում էր, երբ մեկը դուրս էր գալիս դահլիճից, բայց միշտ անմխիթար լուրեր էր լսում։ Ցանցերն ավելի և ավելի էին փակվում խեղճ Պոտերի շուրջը։ Երկրորդ օրվա վերջում քաղաքը խոսում էր, թե Հնդկացի Ջոյի վկայությունը հաստատ էր և անհերքելի։ Ոչ մի կասկած չկար, թե ինչ է լինելու դատարանի վճիռը։ | ||
+ | |||
+ | Թոմն այդ գիշեր ուշ տուն վերադարձավ և լուսամուտից ներս մտավ։ Նա սաստիկ հուզված էր։ Ամբողջ ժամեր չէր կարողանում քնել։ Հաջորդ առավոտ ամբողջ քաղաքը խմբված էր դատարանի առջև, որովհետև դա դատավճռի օրն էր լինելու։ Տղամարդիկ և կանայք հավասարապես ներկայացված էին լեփ֊լեցուն դահլիճում։ Երկար սպասումից հետո բերին շղթայված, դժգույն ու շփոթված, միամիտ ու անօգնական Պոտերին և նստեցրին մի տեղ, որ բոլոր հետաքրքրվողները կարողանան տեսնել։ Պակաս հետաքրքիր չէր Հնդկացի Ջոն։ Նա անվրդով էր, ինչպես միշտ։ Մի ուրիշ դադար եղավ, հետո եկավ դատավորը, և շերիֆը նիստը հայտարարեց բացված։ Դրան հետևեց իրավաբանների սովորական շշնջոցը և թղթեր հավաքելը։ Այս մանրամասները և դրանց ուղեկցող ուշացումները ստեղծեցին սպասողական մի մթնոլորտ, որը որքան ազդեցիկ, նույնքան էլ գրավիչ էր։ | ||
+ | |||
+ | Մի վկա կանչվեց, որ հաստատեց, թե ինքը տեսել է Մըֆին աղբյուրի մոտ լվացվելիս, առավոտ կանուխ, սպանության հայտնաբերման օրը, և թե մարդասպանն անմիջապես փախել է։ Մի քանի հարց տալուց հետո դատախազն ասաց պաշտպանին․ | ||
+ | |||
+ | ― Կարող եք հարցաքննել։ | ||
+ | |||
+ | Բանտարկյալը մի պահ աչքերը բարձրացրեց, բայց նորից խոնարհեց, երբ պաշտպանն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հարցեր չունեմ։ | ||
+ | |||
+ | Հաջորդ վկան հաստատեց դանակի գտնվելը դիակի մոտ։ Դատախազն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Կարող եք հարցեր տալ։ | ||
+ | |||
+ | ― Հարցեր չունեմ, ― պատասխանեց Պոտերի իրավաբանը։ | ||
+ | |||
+ | Երրորդ վկան երդվեց, որ նա հաճախ է Պոտերի մոտ տեսել այդ դանակը։ | ||
+ | |||
+ | ― Կարող եք հարցեր տալ։ | ||
+ | |||
+ | Պոտերի դատապաշտպանը հրաժարվեց վկային հարցաքննելուց։ | ||
+ | |||
+ | Ունկնդիրների դեմքերը սկսեցին ձանձրույթ արտահայտել։ Մի՞թե այս դատապաշտպանը նպատակ ուներ իր հովանավորյալի կյանքը զոհել առանց պաշտպանության փորձ կատարելու։ | ||
+ | |||
+ | Բազմաթիվ վկաներ խոսեցին Պոտերի վարմունքի մասին, երբ սպանության վայրն էր տարվել։ Նրանք իրենց տեղն էին վերադառնում առանց խաչաձև հարցադրման։ | ||
+ | |||
+ | Գերեզմանատան դեպքի հաջորդ առավոտյան կատարված յուրաքանչյուր մանրամասնություն, որը բոլոր ներկաները շատ լավ հիշում էին, կրկնեցին վստահելի վկաները, բայց նրանցից ոչ մեկին խաչաձև հարցաքննության չենթարկեց Պոտերի փաստաբանը։ Սրահի զարմանքն ու դժգոհությունը արտահայտվեց շշնջոցով և դրա համար դատարանից նկատողություն ստացավ։ Դատախազն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Քաղաքացիների երդումով, որոնց պարզ խոսքը կասկածից վեր է, այդ սարսափելի ոճիրը անկասկածելիորեն մենք դնում ենք այս դժբախտ բանտարկյալի վրա։ Մենք կարծում ենք, որ ամբաստանությունը հաստատված է։ | ||
+ | |||
+ | Խեղճ Պոտերից մի հառաչ դուրս եկավ, և նա դեմքը ձեռքերի վրա դրեց ու մարմինը մեղմորեն օրորեց, մինչ դատարանի դահլիճում տիրեց ցավալի լռություն։ Բազմաթիվ տղամարդիկ հուզված էին, և շատ կանայք իրենց խղճահարությունը արցունքներով արտահայտեցին։ Պաշտպանը վեր կացավ և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նորին մեծապատվություն, ինչպես դատավարության սկզբում մենք ցույց տվեցինք, մեր նպատակն էր ապացուցել, որ մեր պաշտպանյալն այս սարսափելի արարքը գործել է խմիչքի ազդեցությամբ առաջացած կույր և անպատասխանատու վիճակում։ Այժմ մենք փոխել ենք մեր միտքը․ մենք այդ խնդրանքը չենք ներկայացնում (հետո քարտուղարին): Կանչեցեք Թոմաս Սոյերին։ Դահլիճում գտնվող բոլոր մարդկանց դեմքերը, նույնիսկ Պոտերի՝ զարմանք արտահայտեցին։ Յուրաքանչյուր աչք զարմացած հետաքրքրությամբ ուղղվեց Թոմի վրա, երբ նա տեղ գրավեց վկայի աթոռին։ Տղան բավական շփոթված էր, որովհետև սարսափելի վախենում էր։ Երդման գործողությունը տեղի ունեցավ։ | ||
+ | |||
+ | ― Թոմաս Սոյեր, որտե՞ղ էիք դուք հունիսի տասնյոթին, մոտավորապես կեսգիշերվա ժամին։ | ||
+ | |||
+ | Թոմը նայեց Հնդկացի Ջոյի երկաթե դեմքին, և լեզուն դավաճանեց նրան։ Ունկնդիրները առանց շնչելու լսում էին, բայց բառերը հրաժարվում էին դուրս գալ։ Մի քանի վարկյան հետո, ի վերջո, տղան մի փոքր վերագտավ իր ուժը և կարողացավ բավարար չափով ուժ հաղորդել ձայնին, որպեսզի դահլիճի մի մասը լսի։ | ||
+ | |||
+ | ― Գերեզմանատանը։ | ||
+ | |||
+ | ― Մի քիչ ավելի բարձր, խնդրում եմ։ Մի վախեցեք։ Դուք գտնվում էիք․․․ | ||
+ | |||
+ | ― Գերեզմանատանը։ | ||
+ | |||
+ | Արհամարանքի մի ժպիտ անցավ Հնդկացի Ջոյի դեմքի վրայով։ | ||
+ | |||
+ | ― Արդոք դուք Հորս Ուիլյամսի գերեզմանի մոտերքո՞ւմ էիք։ | ||
+ | |||
+ | ― Այնքան, ինչքան ձեզ եմ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Թաքնվա՞ծ էիք, թե ոչ։ | ||
+ | |||
+ | ― Թաքնված էի։ | ||
+ | |||
+ | ― Որտե՞ղ։ | ||
+ | |||
+ | ― Ծփիների ետևում, որ գերեզմանի ծայրին են։ | ||
+ | |||
+ | Հնդկացի Ջոն հազիվ ու աննկատելի ցնցվեց։ | ||
+ | |||
+ | ― Քեզ հետ որևէ մեկը կա՞ր։ | ||
+ | |||
+ | ― Այո, սըր, ես անտեղ գնացի․․․ | ||
+ | |||
+ | ― Սպասեք, մի րոպե սպասեք, կարևոր չէ հիշել ձեր ընկերոջ անունը, մենք այն կհարցնենք երբ հարկ լինի։ Այնտեղ որևէ բան տարա՞ք ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | Թոմը տատանվեց և նայեց շփոթված։ | ||
+ | |||
+ | ― Խոսիր, տղաս, մի վախեցիր։ Ճշմարտությունը միշտ հարգելի է։ Ի՞նչ էիք տարել այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Միայն մի․․․ մի․․․ սատկած կատու։ | ||
+ | |||
+ | Դահլիճով ծիծաղ անցավ․ նախագահը զսպեց ծիծաղը։ | ||
+ | |||
+ | ― Մենք ի հայտ կբերենք կատվի կմախքը։ Այժմ, տղաս, ասա մեզ ինչ որ պատահեց, պատմիր քո ձևով, ոչ մի բան մի թաքցնի և մի վախենա։ | ||
+ | |||
+ | Թոմը սկսեց վարանելով, բայց իր թեմայով տաքացավ, և բառերը հոսեցին գնալով ավելի հեշտությամբ։ Շուտով ամեն աղմուկ դադարեց, բացի նրա ձայնից, և շունչները կտրած ունկնդիրները, այդ պատմությամբ հափշտակված, կախվեցին նրա բառերից, առանց ուշադրություն դարձնելու ժամանակին։ Հուզումը իր գագթնակետին հասավ, երբ տղան ասաց․ | ||
+ | |||
+ | ― Եվ երբ բժիշկը տախտակով խփեց, և Մըֆ Պոտերն ընկավ, Հնդկացի Ջոն վեր թռավ և դանակով․․․ | ||
+ | |||
+ | Թրախկ․ կայծակի արագությամբ խառնածինը դեպի լուսամուտը նետվեց, բոլոր դիմադրողների միջով ճանապարհ բացեց և չքացավ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXV== | ||
+ | |||
+ | |||
+ | Թոմը մի անգամ ևս դարձավ հռչակավոր հերոս, մեծահասակների սիրելին և երիտասարդների նախանձի առարկան։ Նրա անունը նույնիսկ անմահացավ մամուլում, որովհետև տեղական թերթը հռչակեց այն։ Կային մարդիկ, որ հավատում էին, թե նա պրեզիդենտ կդառնա, եթե, անշուշտ, մինչ այդ, կախվելուց խուսափի։ | ||
+ | |||
+ | Ինչպես սովորաբար լինում է, դյուրահավատ, չտրամաբանող մարդիկ Մըֆ Պոտերին գրկաբաց ընդունեցին և մեծ խնամք ցուցաբերեցին, որը առաջներում մերժում էին։ Բայց այդպիսի վերաբերմունքը պատիվ է բերում հասարակությանը այնպես, որ դրա համար պետք չէ դատապարտել նրան։ | ||
+ | |||
+ | Թոմի ցերեկները փառքի ու ցնծության մեջ էին անցնում, բայց գիշերները սարսափով էին լցվում։ Հնդկացի Ջոն թունավորում էր նրա բոլոր երազները և միշտ վրեժխնդիր աչքերով էր հայտնվում։ Հազիվ թե որևէ բան համոզեր տղային, որ մութն ընկնելուց հետո դրսում մնար։ Խեղճ Հեքը նույն անհանգիստ և սարսափահար վիճակումն էր, որովհետև Թոմը իրավաբանին ասել էր ամբողջ պատմությունը դատավարության մեծ օրվան նախորդող գիշերը, և Հեքը սաստիկ վախենում էր, թե այդ գործում իր ունեցած բաժինը կարող էր դեռևս բացահայտվել, հակառակ այն բանի, որ Հնդկացի Ջոյի փախուստը փրկել էր նրան դատարանում վկայություն տալու տառապանքից։ Իրավաբանը խեղճ տղային խոստացել էր գաղտնիքը պահել, բայց հետո՞ ինչ, երբ Թոմի տանջված խիղճը կարողացավ գիշերով նրան քշել դեպի իրավաբանի տունը և ստիպեց ամենասարսափելի երդումով կնքված շուրթերը բացել տալ, Հեքի վստահությունը մարդկային ցեղի նկատմամբ մեծ չափով նվազել էր։ Ցերեկները Մըֆ Պոտերի շնորհակալությունը Թոմին ուրախացնում էր, բայց գիշերները նա ցանկանում էր լեզուն պահած լինել։ Որոշ ժամանակ վախենում էր, թե Հնդկացի Ջոյին չեն կարող ձերբակալել, որոշ ժամանակ էլ վախենում էր, թե կբռնեն։ Նա վստահ էր, որ ազատ շունչ կքաշեր միայն այն ժամանակ, երբ այդ մարդը մահանար, և ինքն այդ դիակը տեսներ։ | ||
+ | |||
+ | Պարգևներ խոստացվեցին, ամբողջ շրջանում փնտրեցին, բայց ոչ մի Հնդկացի Ջո չգտնվեց։ Սենտ֊Լուիսից բերել տվեցին ամենատես և ամեն ինչ գտնող հրաշքներից մեկին, խուզարկու ոստիկանին, որը այս ու այն կողմ ընկավ, գլուխն օրորեց, խելոք ձևացավ և հասավ զարմանալի հաջողության, որ նրա արհեստի մարդիկ սովորաբար հասնում են։ Այսինքն «հետքեր գտավ»։ Բայց հո չես կարող «հետքերը» կախել որպես մարդասպան․ և խուզարկուի վերադառնալուց հետո Թոմն իրեն նույնքան անապահով զգաց, ինչպես առաջ։ | ||
+ | |||
+ | Օրերը դանդաղ առաջ շարժվեցին, և անցնող յուրաքանչյուր օրը թեթևացրեց տղաների մտահոգության մի մասը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXVI== | ||
+ | |||
+ | |||
+ | Յուրաքանչյուր նորմալ տղայի կյանքում գալիս է մի ժամանակ, երբ նա անդիմադրելի ցանկություն է ունենում մի տեղ գնալու և թաղված մի գանձ փնտրել֊գտնելու։ Այդ ցանկությունը մի օր հանկարծակի տիրեց Թոմին։ Նա գնաց Ջո Հարպըրին գտնելու, բայց ձախողվեց։ Որոնեց Բեն Ռոջերսին։ Սա էլ ձկնորսության էր գնացել։ Հանկարծ հանդիպեց Հեք Ֆինին՝ Արյունոտ Ձեռքին։ Հեքը կհամաձայներ։ Թոմը նրան մի առանձին տեղ տարավ և գաղտնորեն խնդիրը բացեց նրա առաջ։ Հեքը համաձայնեց։ Նա միշտ ուզում էր մասնակցել որևէ ձեռնարկի, եթե դա զվարճություն էր խոստանում և դրամ չէր պահանջում։ Տղան այնքան անսահմանափակ ժամանակ ուներ, որ կարող էր ասել, թե ժամանակը ոսկի չէ։ | ||
+ | |||
+ | ― Որտե՞ղ փնտրենք ― ասաց Հեքը։ | ||
+ | |||
+ | ― Էհ, համարյա ամեն տեղ։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ, մի՞թե ամեն տեղ էլ պահված է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, իհարկե, ոչ։ Գանձը պահված է շատ հատուկ տեղերում, Հեք, երբեմն կղզիներում, երբեմն որդերի կեր դարձաց սնդուկներում, ինչ֊որ փտած ծառի տակ, որտեղ կես գիշերին է ստվեր ընկնում, բայց հաճախ էլ ուրվականներով լիքը տների տախտակամածի տակ։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է պահում դրանք։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, ավազակները։ Հապա ո՞վ։ Կիրակնօրյա դպրոցների վերակացունե՞րը։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Եթե իմը լիներ, ես չէի թաքցնի։ Կծախսեի և լավ ժամանակ կանցկացնեի։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ, բայց գողերն այդպես չեն վարվում, նրանք միշտ թաքցնում են, ինչ֊որ տեղ թաղում։ | ||
+ | |||
+ | ― Հետո չե՞ն գալիս տանելու։ | ||
+ | |||
+ | ― Ոչ․ նրանք մտադրվում են գալ, բայց ընդհանրապես մոռանում են նշանները կամ մահանում են։ Բոլոր դեպքերում, գանձն այնտեղ երկար ժամանակ մնում է, որտեղ դրված է լինում, թե ինչպես պետք է նշանները հայտնաբերել։ Այդ թուղթն էլ պետք է մի ամբողջ շաբաթ վերծանես, որովհետև նշաններ և հիերոգլիֆներ են լինում վրան։ | ||
+ | |||
+ | ― Հետո՞․․․ ինչ․․․ | ||
+ | |||
+ | ― Հիերոգլիֆներ, պատկերներ և նման բառեր, հասկանո՞մ ես, այնպիսի նշաններ, որոնք կարծես ոչինչ չեն նշանակում։ | ||
+ | |||
+ | ― Այդպիսի թղթերից որևէ մեկը ունե՞ս, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Հապա ինչպե՞ս պիտի գտնես նշանները։ | ||
+ | |||
+ | ― Ինձ նշաններ պետք չեն։ Գանձը միշտ թաղում են ուրվականներով լցված տներում կամ կղզում, կամ հնամենի մի ծառի տակ, որի մի ճյուղը ջարդված ու չորացած է լինում։ Հիշո՞ւմ ես, Ջեկսոնի կղզում մենք մի քիչ փորձեցինք և կարող ենք մի օր նորից փորձել։ Գետի մյուս կողմում կա մի հին, ուրվականներով լիքը տուն, որտեղ բազմաթիվ չորացած ճյուղերով ծառեր կան։ | ||
+ | |||
+ | ― Բոլորի տակ էլ գա՞նձ կա։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես ասում, ոչ։ | ||
+ | |||
+ | ― Հապա ինչի՞ց պիտի իմանաս, թե որ մեկի տակն է։ | ||
+ | |||
+ | ― Բոլորի տակն էլ կնայենք։ | ||
+ | |||
+ | ― Է՜, Թոմ, ամբողջ ամառը ստիպված կլինենք փորել։ | ||
+ | |||
+ | ― Հետո՞ ինչ։ Պատկերացրու, որ գտնենք պղնձե մի կաթսա, մեջը հարյուր ժանգոտած դոլար, կամ փտած մի սնդուկ՝ գոհարներով լեցուն։ Ի՞նչ կասես դրան։ | ||
+ | |||
+ | Հեքի աչքերը փայլեցին։ | ||
+ | |||
+ | ― Դա հրաշալի է, ինձ համար հրաշալի է։ Հարյուր դոլարը ինձ տուր, և ես գոհարները չեմ ուզում։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ, բայց ես վստահ եմ, որ դու գահարները չես գցի։ Դրանցից մի քանիսը քսան դոլար կարժենան։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե, մի՞թե այդպես է։ | ||
+ | |||
+ | ― Ինչ խոսք, ում ուզում ես հարցրու։ Երբեք գոհար չե՞ս տեսել, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ինչքան հիշում եմ։ | ||
+ | |||
+ | ― Թագավորները գահարի սարեր ունեն։ | ||
+ | |||
+ | ― Ես ոչ մի թագավորի չեմ ճանաչում, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Վստահ եմ, որ ոչ, բայց եթե Եվրոպա գնաս, ինչքան ասես կտեսնես։ Չորս կողմը թագավորներ են։ | ||
+ | |||
+ | ― Թռվռո՞ւմ են։ | ||
+ | |||
+ | ― Թռվռո՞ւմ։ Գիժ, ինչո՞ւ պիտի թռվռան։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե դու չասացիր, թե թռվռում են։ | ||
+ | |||
+ | ― Հիմարություն։ Ես պարզապես ուզեցի ասել, թե կտեսնենս դրանց, իհարկե, ոչ թռվռալիս։ ― Ինչո՞ւ պիտի թռվռան։ Ես պարզապես ուզեցի ասել, որ նրանցից շատերին կտեսնես առհասարակ։ Օրինակ, այդ սապատավոր Ռիչարդին։ | ||
+ | |||
+ | ― Ռիչա՞րդ․ ի՞նչ է նրա ազգանունը։ | ||
+ | |||
+ | ― Նա ազգանուն չուներ։ Թագավորները միայն անուն են ունենում։ | ||
+ | |||
+ | ― Ճի՞շտ։ | ||
+ | |||
+ | ― Չեն ունենում։ | ||
+ | |||
+ | ― Եթե այդ նրանց դուր է գալիս, շատ լավ, բայց ես չեմ ուզում թագավոր լինել և միայն անուն ունենալ, ինչպես նեգրերը։ Բայց լսիր․ ամենից առաջ որտե՞ղ ես փնտրելու։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Գետի մյուս կողմի բլրի ծերացած ծառի մոտից չսկսե՞նք։ | ||
+ | |||
+ | ― Համաձայն եմ։ | ||
+ | |||
+ | Նրանք մի հին քլունգ ու մի բահ վերցրին և ճանապարհ ընկան դեպի երեք մղոն հեռվում գտնվող իրենց նպատակը։ Տեղ հասան կարմրած, հոգնած, մոտակա մի ծփենու տակ պառկեցին հանգստանալու ու ծխելու։ | ||
+ | |||
+ | ― Ինձ սա դուր է գալիս, ― ասաց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Ինձ էլ։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Հեք, եթե այստեղ գանձ գտնենք, ի՞նչ կանես քո բաժնով։ | ||
+ | |||
+ | ― Ե՞ս, դե, ամեն օր մսով կարկանդակ կուտեմ և սոդաջուր կխմեմ․ կգնամ քաղաք եկող կրկեսի բոլոր ներկայացումներին։ Գրազ կգամ, որ շատ ուրախ ժամանակ կանցկացնեմ։ | ||
+ | |||
+ | ― Դրա մի մասը չե՞ս պահելու։ | ||
+ | |||
+ | ― Պահե՞լ, ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | ― Որպեսզի հետո դրանով ապրես։ | ||
+ | |||
+ | ― Դա ավելորդ բան է։ Որտեղ որ է հայրս կվերադառնա և թաթը վրան կդնի, եթե ես չշտապեմ ծախսել։ Կարող եմ քեզ վստահեցնել, որ նա շատ արագ կմսխի։ Դու քո բաժինը ի՞նչ ես անելու, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Ես մի նոր թմբուկ կգնեմ, անպայման մի սուր և մի կարմիր փողկապ, մի շան լակոտ ու կամուսնանամ։ | ||
+ | |||
+ | ― Կամուսնանա՞ս։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, դու հո խելքդ չե՞ս կորցրել։ | ||
+ | |||
+ | ― Սպասիր և կտեսնես։ | ||
+ | |||
+ | ― Բայց դա ամենահիմար բանն է, որ դու կարող ես անել, Թոմ։ Այ, օրինակ, իմ հայրն ու մայրը։ Կռիվ, կռիվ․ ամեն օր կռվում էին։ Հիշում եմ, շատ լավ հիշում եմ։ | ||
+ | |||
+ | ― Դա ոչինչ չի նշանակում։ Այն աղջիկը, որի հետ ես պիտի ամուսնանամ, չի կռվի։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ես կարծում եմ, որ բոլորը իրար նման են։ Բոլորը նույն միսն ու արյունն են։ Ավելի լավ է, որ այդ մասին որոշ ժամանակ մտածես։ Ես քեզ ասում եմ, մտածիր։ Ի՞նչ է այդ աղջիի անունը։ | ||
+ | |||
+ | ― Նա բոլորովին էլ աղջի չէ, աղջիկ է։ | ||
+ | |||
+ | ― Իմ կարծիքով նույն բանն է․ ոմանք աղջի են ասում, ոմանք՝ աղջիկ։ Երկուսն էլ ճիշտ է։ Այնուամենայնիվ, ի՞նչ է անունը, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Մի օր քեզ կասեմ, բայց ոչ այժմ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ, ինչպես կուզես, երբ դու ամուսնանաս, ես ավելի մենակ կմնամ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, մենակ չես մնա, կգաս և ինձ հետ կապրես։ Այժմ թողնենք այդ և սկսենք փորել։ | ||
+ | |||
+ | Մի կես ժամ աշխատելուց հետո հոգնեցին։ Ոչ մի արդյունք։ Մի կես ժամ էլ աշխատեցին։ Էլի ոչ մի արդյունք։ Հեքն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Միշտ այսքան խո՞րն են թաղում։ | ||
+ | |||
+ | ― Երբեմն ոչ։ Ընդհանրապես ոչ։ Ես կարծում եմ, որ ճիշտ տեղը չգտանք։ | ||
+ | |||
+ | Նրանք մի նոր տեղ ընտրեցին և նորից սկսեցին։ Աշխատանքը մի քիչ դանդաղեց, բայց բավական առաջ գնաց։ Որոշ ժամանակ էլ լուռ և քրտնաջան աշխատեցին։ Ի վերջո Հեքը հենվեց իր բահին, թևով սրբեց ճակատի քրտինքը և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սրանից հետո ո՞րն ենք փորելու։ | ||
+ | |||
+ | ― Իմ կարծիքով լավ կլինի փորձել տան ետևում գտնվող չոր ծառի տակը։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ կարծում, որ այդ տեղը հարմար է, բայց այրին չի՞ խլի մեզնից, Թոմ։ Նա հողամասում է։ | ||
+ | |||
+ | ― Խլի՞։ Թող մի փորձի։ Ով գտնում է պահված գանձը, նրան է պատկանում։ Կարևոր չէ, թե ում հողամասում է գտնվում։ | ||
+ | |||
+ | Դա գոհացուցիչ էր։ Աշխատանքը շարունակվեց։ Քիչ հետո Հեքն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Գրողը տանի, ըստ երևույթին նորից սխալ տեղում ենք։ Ի՞նչ ես կարծում։ | ||
+ | |||
+ | ― Շատ հետաքրքիր է Հեք։ Չեմ հասկանում։ Երբեմն կախարդները միջամտում են։ Ես կարծում եմ, որ հենց այդ պատճառով չենք գտնում։ | ||
+ | |||
+ | ― Հիմարություն։ Կախարդները ցերեկները ուժ չունեն։ | ||
+ | |||
+ | ― Դա ճիշտ է։ Ես այդ մասին չէի մտածել։ Ահա, հասկացա, թե ինչից է։ Ինչ հիմարներն ենք մենք։ Պետք է գտնել, թե կեսգիշերին որտե՞ղ է ընկնում ծառի շվաքը և այդ տեղը փորել։ | ||
+ | |||
+ | ― Է՛հ, դուրս է գալիս, որ ամբողջ այս աշխատանքը իզուր տեղը արեցինք։ Այժմ ամեն ինչ թող․ պետք է գիշերը վերադառնանք։ Ահավոր երկար ճանապարհ է։ Կարո՞ղ ենք գտնել։ | ||
+ | |||
+ | ― Կարող եմ։ Պետք է այս գիշերն իսկ անենք, որովհետև, եթե որևէ մեկը այս փոսերը տեսնի, անմիջապես կհասկանա, թե բանն ինչումն է, և գանձը կգտնի։ | ||
+ | |||
+ | ― Լավ, գիշերը ես կգամ ու կմլավեմ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ։ Եկ գործիքները մացառների տակ պահենք։ | ||
+ | |||
+ | Այդ գիշեր, համարյա պայմանավորված ժամին, տղաները այդտեղ էին։ Նրանք ստվերում նստեցին և սպասեցին։ Խուլ տեղ էր և այնպիսի ժամ, որ բոլոր տրադիցիաներով լուրջ էր համարվում։ Շարժվող տերևների մեջ ոգիներն էին շշնջում, ուրվականներ էին պահվում մութ անկյուններում։ Հեռվից լսվեց մի շան հաչոց։ Մի բու պատասխանեց չարագուշակ կռինչով։ Տղաները ճնշվում էին շրջապատի հանդիսավորությունից և քիչ էին խոսում։ Հետո որոշեցին, որ հասել է ժամը տասներկուսը։ Նշեցին ստվեր ընկած տեղը և սկսեցին փորել։ Նրանց հույսերը սկսեցին ավելանալ։ Շահագրգռվածությունը գնալով մեծացավ և թափ տվեց աշխատանքին։ Փոսը խորանում ու խորանում էր, և ամեն անգամ, երբ քլունգը մի բանի էր դիպչում, նրանց սիրտը վեր էր թռչում, բայց հիասթափվում էին։ Մի քար կամ մի արմատ էր լինում։ Ի վերջո Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Շարունակելն իմաստ չունի, Հեք, նորից սխալվել ենք։ | ||
+ | |||
+ | ― Բայց մենք սխալված լինել չենք կարող․ սկսեցինք ստվերի ընկած տեղից։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, բայց այդ դեպքում ուրիշ պատճառ կա։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ պատճառ։ | ||
+ | |||
+ | ― Մենք ժամանակը գուշակեցինք։ Շատ հավանական է, որ ավելի ուշ էր կամ ավելի շուտ։ | ||
+ | |||
+ | Հեքը ցած դրեց բահը։ | ||
+ | |||
+ | ― Դա է որ կա, ― ասաց նա։ ― Հենց դա է պատճառը։ Այս մեկը պետք է թողնենք։ Մենք երբեք չենք կարող ճիշտ ժամանակն իմանալ և բացի այդ, այստեղ շատ սարսափելի է, գիշերվա այս ժամին, երբ շուրջը վխտում են վհուկներ և ոգիներ։ Շարունակ ինձ թվում է, թե մեկը կանգնած է իմ ետևում։ Վախենում եմ շուռ գալ․ գուցե ուրիշներ էլ կան իմ առջևում, որոնք միայն այդպիսի առիթի են սպասում։ Այստեղ գալուց ի վեր անընդհատ դողում եմ։ | ||
+ | |||
+ | ― Ես ինքս էլ ավելի լավ վիճակում չեմ, Հեք։ Նրանք համարյա միշտ մի մեռած մարդ են դնում կողքին, երբ գանձը թաղում են ծառի տակ, որպեսզի պահպանի այն։ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպես են անում։ Ես միշտ այդպես եմ լսել։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ես չեմ սիրում թրև գալ այն վայրերում, որտեղ մարդիկ են մահացել։ Վստահ եմ, որ նրանց հետ գործ ունենալիս մարդ միշտ փորձանքի է հանդիպում։ | ||
+ | |||
+ | ― Ես ինքս էլ չեմ սիրում նրանց արթնացնել, Հեք։ Պատկերացրու․ եթե հանկարծ մի անգամ դուրս ցցվի ու խոսի։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Թոմ, սարսափելի է։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես էլ է։ Հեք, ես ինքս բոլորովին էլ հանգիստ չեմ։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Թոմ, արի այս տեղը թողնենք և մի ուրիշ տեղ փորձենք։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ, ինձ թվում է՝ ավելի լավ կլինի։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւր գնանք։ | ||
+ | |||
+ | Թոմը մի պահ մտածեց, հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ուրվականներով լցված տունը։ Դա է, որ կա։ | ||
+ | |||
+ | ― Թող կորչի, ես ուրվականներով լցված տուն չեմ սիրում, Թոմ։ Դրանք մեռելներից վատ են։ Մեռած մարդիկ գուցե խոսեն, բայց պատանքի մեջ փաթաթված շուրջդ չեն պտտվի, երբ դու չես նայում և հանկարծ ուսիդ վրայից գաղտնի չեն նայի և ատամ չեն կրճտացնի, ինչպես ուրվականներն են անում։ Ես այդպիսի բանի չեմ դիմանա։ Ոչ ոք չի դիմանա։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց ուրվականները միայն գիշերն են շրջում։ Մեզ չեն խանգարի, եթե ցերեկը փորենք։ | ||
+ | |||
+ | ― Դա այդպես է, բայց դու լավ գիտես, որ այդ ուրվականների տունը մարդիկ ուշ գիշերն են գնում, ոչ ցերեկը։ | ||
+ | |||
+ | ― Դա ավելի շուտ նրանից է, որ մարդիկ չեն սիրում գնալ մի տուն, որտեղ մարդ է սպանվել։ Բայց գիշերն էլ այդ տան շուրջը ոչ մի բան չի նշմարվել․ միայն ինչ֊որ կապույտ լույս, որ լուսամուտից է երևում, բայց ոչ մի կարգին ուրվական չի երևացել։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց եթե որևէ տեղ կապույտ լույս ես տեսնում, Թոմ, կարող ես գրազ գալ, որ դրա ետևում ուրվական կա։ Պետք է տրամաբանել․ գիտես, որ միայն նրանք են կապույտ լույս օգտագործում։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպես է, բայց բոլոր դեպքերում նրանք ցերեկը չեն շրջում, ուրեմն ի՞նչ օգուտ մեր վախենալուց։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ, քանի այդպես ես ասում, ուրվականների տունը քանդենք։ Բայց վտանգավոր է։ | ||
+ | |||
+ | Մինչ այդ տղաները բլրից իջել էին։ Ներքևում, լուսնի լույսով լուսավորված հովտի մեջտեղում կանգնել էր «ուրվականներով լցված տունը»՝ բոլորովին մեկուսացած, վաղուց ցանկապատից զրկված, մինչ դուռը խոտով ծածկված, ծխնելույզը փուլ եկած, անապակի լուսամուտներով, տանիքի մի անկյունը քանդված։ Տղաները որոշ ժամանակ նայեցին, կարծելով, թե կապույտ լույս կտեսնեն լուսամուտներից մեկի մոտ, հետո ցածրաձայն խոսելով, ինչպես ժամանակն ու հանգամանքներն էին տրամադրում, թեքվեցին աջ, մի մեծ շրջան արեցին, ուրվականների տնից հեռացան և իրենց տան ճանապարհը բռնեցին Քարտիֆ բլրի հակառակ կողմից։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXVII== | ||
+ | |||
+ | |||
+ | Հաջորդ օրը, կեսօրվա մոտ տղաները գնացին չորացած ծառի մոտ՝ իրենց գործիքները տանելու։ Թոմն անհամբեր էր․ ուզում էր ժամ առաջ մտնել ուրվականներով լցված տունը։ Հեքը չափավոր էր ոգևորված և հանկարծ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Թոմ, գիտե՞ս այսօր ինչ օր է։ | ||
+ | |||
+ | Թոմը մտքում հաշվեց շաբաթվա օրերը, հետո արագ բարձրացրեց ապշությամբ լեցուն աչքերը․ | ||
+ | |||
+ | ― Այ, երբեք այդ մասին չէի մտածել, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ չէի մտածել, բայց հանկարծ հիշեցի, որ այսօր ուրբաթ է։ | ||
+ | |||
+ | ― Գրողը տանի։ Մարդ չպետք է այդքան անզգույշ լինի, Հեք։ Կարող էինք սարսափելի փորձանքի մեջ ընկնել, այսպիսի գործ ուրբաթ օրը անելով։ | ||
+ | |||
+ | ― Կարող էր պատահել։ Ավելի լավ է ասես, որ ընկնում էինք։ Գուցե բախտավոր օրեր կան, բայց ուրբաթը դրանցից չէ։ | ||
+ | |||
+ | ― Ամեն մի հիմար գիտե այդ բանը։ Ես չեմ կարծում, թե դու ես առաջին իմացողը, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Երբեք, ես չեմ ասել, թե առաջինը ես եմ։ Եվ հարցը միայն ուրբաթը չէ։ Անցյալ գիշեր ես մի շատ վատ երազ տեսա՝ առնետներ։ | ||
+ | |||
+ | ― Մի ասա։ Փորձանքի հաստատ նշան է։ Կռվո՞ւմ էիր։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Դա լավ է, Հեք։ Երբ չես կռվում, դա նշանակում է, որ շուրջդ փորձանք կա։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, որ կրակը չընկնենք։ Այս գործը այսօր հետաձգենք և խաղանք։ Դու Ռոբին Հուդին ճանաչո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Ո՞վ է Ռոբին Հուդը։ | ||
+ | |||
+ | ― Դա Անգլիայի ամենամեծ և լավագույն մարդկանցից մեկն էր։ Նա ավազակ էր։ | ||
+ | |||
+ | ― Է՜խ, երանի նրա տեղը լինեի։ Ո՞ւմ էր նա կողոպտում։ | ||
+ | |||
+ | ― Միայն շերիֆներին, եպիսկոպոսներին և հարուստ մարդկանց, թագավորներին ու նրանց նմաններին։ Բայց աղքատներին երբեք չէր անհանգստացնում։ Նրանց սիրում էր։ Նրանց հետ միշտ հավասար բաժանում էր կողոպտածը։ | ||
+ | |||
+ | ― Հրաշալի մարդ պետք է եղած լինի։ | ||
+ | |||
+ | ― Գրազ կգամ, որ այդպիսին է եղել, Հեք։ Օ՜, նա աշխարհի ամենաազնիվ մարդն է եղել։ Այժմ այդպիսի մարդիկ չկան, կարող եմ վստահեցնել քեզ։ Նա կարող էր Անգլիայում ապրող որևէ մեկին ծեծել մի ձեռքը մեջքին կապված, միշտ կարող էր դեղձենուց սարքած իր նետով խփել տասսենթանոցին, մեկուկես մղոն հեռվից։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ բան է դեղձենուց սարքածները։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Անշուշտ մի տեսակ նետ է։ Եթե փողի ծայրին էր խփում, նստում ու լաց էր լինում և հայհոյում։ Ուրեմն Ռոբին Հուդ ենք խաղալու․ շատ լավ խաղ է։ Ես քեզ կսովորեցնեմ։ | ||
+ | |||
+ | ― Համաձայն եմ։ | ||
+ | |||
+ | Ամբողջ կեսօրից հետո Ռոբին Հուդ խաղացին, երբեմն ագահ հայացքներ գցելով ուրվականներով լցված տան կողմը և ծանր ու թեթև անելով հաջորդ օրվա հեռանկարներն ու հնարավորությունները։ Երբ արևն սկսեց դեպի արևմուտք թեքվել, նրանք տան ճանապարհը բռնեցին ծառերի երկար ստվերների կողքով և շուտով տեսողությունից կորան Քարտիֆ բլրի անտառում։ | ||
+ | |||
+ | Շաբաթ օրը, կեսօրից քիչ հետո, տղաները նորից չորացած ծառի մոտ էին։ Ծխեցին ու զրուցեցին ստվերի տակ և մի փոքր փորեցին իրենց նախկին փոսը, ոչ մեծ հույսով, այլ նրա համար, որ․․․ Թոմն ասաց, թե շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ գանձից զրկվել են մի քանի մատնաչափ պակաս փորելու պատճառով։ Հետո մի ուրիշ մարդ եկել և բահի մի հարվածով գտել է։ Բայց այս անգամ դա տեղի չունեցավ, և տղաները շալակեցին իրենց գործիքներն ու հեռացան, այն զգացողությամբ, որ գանձի չեն տիրացել, բայց կատարել են այն բոլորը, ինչ անհրաժեշտ է գանձ գտնելու համար։ | ||
+ | |||
+ | Երբ հասան ուրվականներով լցված տանը, չարագուշակ ու սարսափելի մի լռություն էր տիրում այրող արևի տակ և լքված ու անմարդաբնակ տանը հատուկ այնպիսի մի ճնշող բան, որ նրանք մի պահ վախեցան ներս մտնել։ Հետո դռանը մոտեցան և դողալով ներս նայեցին։ Տեսան մի սենյակ առանց տախտակամածի, խոտածածկ հատակ, ծեփը թափած մի հին ծխնելույզ, դատարկ լուսամուտներ, մի քանդված սանդուղք, այս ու այն կողմ, ամեն տեղ կախված ոստյաններ։ Նրանք անձայն, բաբախող սրտերով ներս մտան։ Խոսում էին շշուկով, ականջները պահած ամենափոքր իսկ ձայնի, լարված մկաններով, պատրաստ անմիջապես փախչելու։ | ||
+ | |||
+ | Կարճ ժամանակում ընտելացան, վախը մեղմացավ, և նրանք սկսեցին վայրն ուսումնասիրել հետաքրքրությամբ, հիանալով իրենց համարձակությամբ ու միաժամանակ զարմանալով։ Հետո ուզեցին տեսնել վերնահարկը։ Այդ նահանջի ճանապարհը կտրելու պես բան էր, բայց միմյանց համարձակություն ներշնչեցին և անշուշտ արդյունքի հասան։ Գործիքները մի անկյուն դրեցին ու վերև բարձրացան։ Այնտեղ էլ լքվածության նույն նշանները կային։ Միայն մի պահարան գտան, որ խորհրդավոր գաղտնիք էր խոստանում, բայց հիասթափվեցին․ մեջը ոչինչ չկար։ Տղաներն այժմ վերջնականապես արիացել էին և իրենց տիրապետում էին։ Ուզում էին ցած իջնել և աշխատանքն սկսել, երբ․ | ||
+ | |||
+ | ― Շըշշ, ― ասաց Թոմը։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ կա, ― շշնջաց Հեքը, վախից գույնը գցելով։ | ||
+ | |||
+ | ― Շըշշ, լսո՞ւմ ես, այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Օ՜, փախչենք։ | ||
+ | |||
+ | ― Հանգիստ մնա, մի շարժվիր, ուղիղ դեպի դուռն են գալիս։ | ||
+ | |||
+ | Տղաները հատակին պառկեցին, աչքները տախտակամածի ճեղքին, և սարսափահար սպասեցին։ | ||
+ | |||
+ | ― Կանգ առան․․․ ոչ․․․ գալիս են․․․ ահա նրանք։ Ոչ մի բառ չշշնջաս, Հեք։ Է՜հ, երանի այստեղ եկած չլինեինք։ | ||
+ | |||
+ | Երկու մարդ ներս մտան։ Տղաներից ամեն մեկը ինքն իրեն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա ծեր, խուլ ու մունջ իսպանացին, որ վերջերս մի երկու անգամ քաղաքում երևաց, մյուս մարդուն երբեք չեմ տեսել։ | ||
+ | |||
+ | «Մյուսը» պատառոտված շորերով, անխմամ մի արարած էր, դեմքի վրա ոչ մի հաճելի բան չունեցող։ Իսպանացին փաթաթված էր թիկնոցով։ Նա խիտ ապիտակ մորուք ուներ, լայնեզր գլխարկի տակից դուրս պրծած երկար սպիտակ մազեր, աչքերին դրել էր կանաչ ակնոց։ Երբ ներս մտան, «մյուսը» խոսում էր ցածրաձայն։ Նրանք նստեցին գետնին՝ դեմքները դռանը, մեջքները պատին։ Խոսողը շարունակեց։ Նրա շարժումները նվազ զուսպ դարձան և բառերը՝ ավելի որոշ։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, ― ասաց նա, ― ես ամեն ինչ կշռադատեցի և ինձ դուր չի գալիս։ Վտանգավոր է։ | ||
+ | |||
+ | ― Վտանգավոր, ― փնթփնթաց «խուլ ու համր» իսպանացին, մեծ զարմանք պատճառելով տղաներին։ ― Թուլամորթ։ | ||
+ | |||
+ | Այդ ձայնը տղաների շունչը կտրեց և դողացրեց։ Հնդկացի Ջոյի ձայնն էր։ Որոշ ժամանակ լռություն տիրեց։ Հետո Ջոն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն էր ավելի վտանգավոր, քան այն մյուս գործը, բայց ոչինչ չպատահեց։ | ||
+ | |||
+ | ― Դա ուրիշ։ Գետի վերևի մասում և մոտերքում տուն չկար։ Ոչ ոք չի իմանում, որ մենք այդտեղ գործ արեցինք, քանի ոչինչ դուրս չեկավ։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ գիտեմ, բայց սրանից հարմար թաքնվելու տեղ չկար, այդ հիմար գործից հետո։ Ես ուզում եմ հեռանալ այս ավերակից։ Ուզեցի երեկ հեռանալ, բայց այդ անիծյալ տղաների պատճառով, որոնք բլրի վրա խաղում էին, հնարավոր չէր առանց տեսնվելու դուրս գալ։ | ||
+ | |||
+ | «Այդ անիծյալ տղաները» այս խոսքի վրա նորից դողացին և մտածեցին, թե ինչքան բախտավոր են եղել երեկ՝ հիշելով օրվա ուրբաթ լինելը և գործը թողնելով այս օրվան։ Սրտի խորքում նրանք ցանկացան մի տարի սպասած լինել։ Երկու մարդիկ ուտելու բան հանեցին և սկսեցին ընթրել։ Երկար, մտածկոտ լռությունից հետո Հնդկացի Ջոն նորից խոսեց․ | ||
+ | |||
+ | ― Լսիր, տղա, դու գետեզրով բարձրացիր քո որջը։ Այնտեղ սպասիր, մինչև ինձնից լուր ստանաս։ Ես մի անգամ էլ պիտի փորձեմ այս քաղաքն ընկնեմ նայելու համար։ Մենք այդ «վտանգավոր» գործը կանենք շրջապատը մի փոքր լրտեսելուց և համոզվելուց հետո, երբ հանգամանքները հարմար կլինեն։ Հետո կգնանք դեպի Տեքսաս։ Միասին կգնանք։ | ||
+ | |||
+ | Այս գոհացուցիչ էր։ Այժմ երկուսն էլ հորանջում էին, և Հնդկացի Ջոն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Անքնությունից մեռնում եմ։ Հսկելու հերթը քոնն է։ | ||
+ | |||
+ | Խոտերի վրա նա կուչ եկավ և շուտով սկսեց խռմփալ։ | ||
+ | |||
+ | Ընկերը մի քանի անգամ ցնցեց Ջոյին, բայց նա չշարժվեց։ Շուտով պահակը նույնպես սկսեց ննջել։ Գլուխը հետզհետե ցած էր իջնում։ Այժմ երկուսը միասին սկսեցին խռմփալ։ | ||
+ | |||
+ | Տղաները խոր, երկար և թեթևացած շունչ քաշեցին։ Թոմը շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Այժմ հարմար առիթ է, արի։ | ||
+ | |||
+ | Հեքն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարող․ կմեռնեմ, եթե արթնանան։ | ||
+ | |||
+ | Թոմը պնդեց, Հեքը համառեց։ Ի վերջո Թոմը դանդաղ ու կամաց վեր կացավ և մենակ ճանապարհ ընկավ։ Բայց առաջի քայլը այնպիսի այլանդակ ճռռոց հանեց հիմար տախտակամածից, որ սարսափից զարհուրած տղան անմիջապես նստեց։ Երկրորդ փորձն այլևս չարեց։ Տղաները պառկած հաշվում էին անցած րոպեները, մինչև թվաց, թե ժամանակը վերջացել է, և հավիտենականությունը կանգ է առել։ Հետո նրանք իրենց երախտապարտ զգացին, երբ, ի վերջո, արևը մայր մտավ։ | ||
+ | |||
+ | Մի խռմփոցը դադարեց։ Հնդկացի Ջոն նստեց, շուրջը նայեց, դառնորեն ժպտաց իր ընկերոջ վրա, որի գլուխը ծնկների վրա էր ընկել, ոտքով արթնացրեց նրան և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հեյ, դու էլ պիտի ասես, թե պահակ ես, չէ՞։ Բայց լավ է, որ ոչինչ չպատահեց։ | ||
+ | |||
+ | ― Վա՛հ, մի՞թե քնել եմ։ | ||
+ | |||
+ | ― Է՜հ, մասամբ, մասամբ։ Համարյա շարժվելու ժամանակն է։ Ի՞նչ պիտի անենք մնացած փողը։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ․ ինձ թվում է կարելի է այստեղ թաղել, ինչպես միշտ արել ենք։ Միտք չկա տանելու, մինչև հարավ գնալը։ Վեց հարյուր հիսուն արծաթը հանելը բավական դժվար է։ | ||
+ | |||
+ | ― Լավ, շատ լավ, արժե դրա համար մի անգամ էլ գալ։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց պետք է գիշերը գալ, ինչպես անում էինք․ այդպես ավելի լավ է։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց լսիր, գուցե երկար ժամանակ պետք լինի, մինչև այս գործն անելը։ Կարող են արկածներ պատահել։ Այնքան էլ լավ տեղում չեն փողերը։ Պետք է կարգին թաղենք, խորը։ | ||
+ | |||
+ | ― Լավ միտք է, ― ասաց ընկերը, քայլեց սենյակի երկյանքով, ծունկի եկավ, բարձրացրեց օջախի քարերից մեկը և մի տոպրակ հանեց, որը զվարթ զնգզնգաց։ Դրա միջից նա իր համար դուրս հանեց քսան կամ երեսուն դոլար և նույնքան էլ Հնդկացի Ջոյի համար, տոպրակը տվեց սրան, որն անկյունում ծնկի էր եկել և իր կեռ դանակով փորում էր։ | ||
+ | |||
+ | Տղաները մի պահ մոռացան իրենց ամբողջ սարսափը, բոլոր դժբախտությունները։ Ագահ հայացքով դիտում էին յուրաքանչյուր շարժում։ Ահա բախտը, որի փայլն ամեն երևակայությունից անցնում էր։ Վեց հարյուր դոլարը բավարար փող էր կես դյուժին երեխա հարստացնելու համար։ Ահա գանձ որոնելը իր ամենաերջանիկ տեսքով․ այլևս անորոշություն չէր լինի, թե որտեղ պետք է փորել։ Ամեն րոպե նրանք արմունկով բզում էին իրար։ Պերճախոս ու հեշտ հասկանալի բզզոց․ դա պարզապես նշանակում էր․ «Օ՜հ, հիմա ուրախ չե՞ս, որ այստեղ ենք»։ | ||
+ | |||
+ | Ջոյի դանակը մի բանի կպավ։ | ||
+ | |||
+ | ― Ահա, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ է, ― ասաց ընկերը։ | ||
+ | |||
+ | ― Փտած տախտակ, ոչ կարծես տուփ է։ Արի, օգնիր, որ տեսնենք, թե ի՞նչ է։ Ոչինչ, ես մի ծակ բացեցի։ | ||
+ | |||
+ | Նա ձեռքը մտցրեց և դուրս հանեց։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, փող է։ | ||
+ | |||
+ | Երկու մարդիկ նայեցին տուփի միջի փողին։ Ոսկի էր։ Վերևի տղաները նրանց չափ հուզված և ուրախ էին։ | ||
+ | |||
+ | Ջոյի ընկերն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Պետք է շտապ պահել և այս գործը ավարտել։ Օջախի մյուս կողմում ես մի քիչ առաջ մի քլունգ ու բահ նկատեցի, գնամ բերեմ։ | ||
+ | |||
+ | Նա վազեց և բերեց տղաների բահն ու քլունգը։ Հնդկացի Ջոն վերցրեց քլունգը, խուզարկու հայացքով նայեց ու գլուխն օրորեց, ինքն իրեն մի բան մրթմրթաց, հետո գործի անցավ։ | ||
+ | |||
+ | Շուտով տուփի վրայի հողը հանեցին։ Տուփը շատ մեծ չէր, երկաթապատ էր և շատ դիմացկուն։ Ժամանակը հազիվ էր վնասել։ Որոշ ժամանակ նրանք դիտեցին գանձը երանելի լռության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Հովազ, այստեղ հազարավոր դոլարներ կան, ― ասաց Հնդկացի Ջոն։ | ||
+ | |||
+ | ― Միշտ պատմում էին, թե Մյուլլերի ավազակախումբն ամառները այս տեղերում էր մնում, ― նկատեց օտարականը։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, ― ասաց Հնդկացի Ջոն, ― և սա կարծես թե դա է ապացուցում։ | ||
+ | |||
+ | ― Այժմ դու կարիք չունես այն մյուս գործն անելու։ | ||
+ | |||
+ | Խառնածինը մռայլվեց։ Նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դու ինձ չես ճանաչում, կամ առնվազն այդ գործի մասին ամեն ինչ չգիտես։ Դա միայն կողոպուտ չէ․ դա վրեժխնդրություն է, ― և նրա աչքերը չարությամբ փայլեցին։ ― Այդ գործում ես քո օգնության կարիքն եմ զգում։ Երբ ավարտենք, այդ ժամանակ Տեքսաս կգնանք։ Այժմ քո Նանսի տունը գնա, երեխաներիդ մոտ սպասիր, մինչև ես քեզ լուր ուղարկեմ։ | ||
+ | |||
+ | ― Լավ, եթե այդպես ես ասում։ Սա ի՞նչ պիտի անենք, նորից թաղե՞նք։ | ||
+ | |||
+ | ― Այո (վերևում լիակատար հրճվանք): Ո՛չ, հնդկացիների մեծ աստված մեծ Սեյջըմը վկա, ո՛չ (վերևում խորունկ հուսահատություն): Քիչ մնաց մոռանայի, որ քլունգի վրա թարմ հող կար (տղաները սառսուռից մի պահ մեռան)։ Այստեղ ի՞նչ գործ ունեն բահն ու քլունգը։ Սրանց վրա ի՞նչ գործ ունի թարմ հողը։ Ո՞վ է դրանք բերել և ո՞ւր է գնացել։ Դու որևէ ձայն լսեցի՞ր, որևէ մեկին տեսա՞ր, ի՞նչ, նորից թաղել և թողնել, որ նրանք փորված հողը տեսնե՞ն։ Ո՛չ, այդ չի լինի, իմ բույնը կտանենք։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, իհարկե։ Այդ մասին ավելի շուտ պետք էր մտածել։ Համար առաջի՞ն բույնը։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, համար երկրորդը, խաչի տակինը։ Մյուս տեղը վատ է, շատ մարդ կա մոտերքում։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ։ Բավական մութ է սկսելու համար։ | ||
+ | |||
+ | Հնդկացի Ջոն վեր կացավ և լուսամուտից լուսամուտ գնալով զգուշությամբ դուրս նայեց։ Հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ կարող էր այդ գործիքները այստեղ բերել։ Չե՞ս կարծում, որ վերևում լինեն։ | ||
+ | |||
+ | Տղաների շունչը կտրվեց։ Հնդկացի Ջոն ձեռքը դրեց դռնակին, մի պահ կանգ առավ անվճռականությամբ, հետո շուռ եկավ դեպի սանդուղքները։ Տղաները մտածեցին պահարանի մասին, բայց տեղից շարժվելու ուժ չունեին։ Քայլերը սանդուղքներից ճռճռալով բարձրանում էին։ Դրության անտանելիությունն արթնացրեց տղաների վճռականությունը։ Ուզում էին դեպի պահարանը թռչել, երբ լսվեց կոտրվող փտած տախտակների ճռինչ, և Հնդկացի Ջոն ջարդված աստիճանների հետ փռվեց ավերակի մեջտեղը։ Նա հայհոյելով վեր կացավ։ Ընկերն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կարիք կար։ Եթե որևէ մեկը կա, և նա վերևում է, թող այնտեղ էլ մնա։ Ու՞մ հոգն է։ Եթե ուզում են ներքև իջնել և փորձանքի մեջ ընկնել, ո՞վ է դեմ։ Տասնհինգ րոպեից մութ կլինի, և թող հետևեն մեզ, եթե ցանկանում են։ Ինքս ուզում եմ։ Իմ կարծիքով, եթե այս բաները այստեղ բերողը մեզ տեսել է, մեզ ոգիների կամ սատանաների տեղ դրած կլինի։ Գրազ կգամ, որ նա դեռևս փախչում է։ | ||
+ | |||
+ | Ջոն ինչ֊որ բան մրթմրթաց, հետո ընկերոջ հետ համաձայնեց, որ պետք է ժամանակին հեռանալ, քանի դեռ լույս է։ Դրանից մի քիչ հետո նրանք տնից դուրս սահեցին խորացող աղջամաուղջի մեջ ու իրենց թանկագին սնդուկն առած՝ շարժվեցին դեպի գետը։ | ||
+ | |||
+ | Թոմն ու Հեքը վեր կացան թույլ, բայց թեթևացած և նրանց ետևից երկար նայեցին տան գերանների արանքից։ Հետևե՞լ․ ո՛չ, ո՛չ։ Նրանք գոհ էին, որ նորից գետնին հասան առանց վզները կտրելու և բռնեցին բլրի վրայով քաղաք տանող ճանապարհը։ Նրանք շատ չէին խոսում․ զբաղված էին իրենք իրենց ատելով, ատելով իրենց ձախորդությունը, որ բահն ու քլունգը տարել էին այնտեղ։ Եթե դա չլիներ, Հնդկացի Ջոն երբեք չէր կասկածի։ Նա արծաթը կթաղեր ոսկու հետ, մինչև այդ «վրեժխնդրության» ծարավը հագեցներ և հետո դժբախտություն ունենար տեսնելու, որ փողն այլևս չկա։ Դժբախտություն, ծանր դժբախտություն։ Գործիքներն ինչո՞ւ տարան այնտեղ։ Նրանք որոշեցին հետևել այդ իսպանացուն, որ քաղաք պիտի գար լրտեսելու և գտնելու իր վրեժխնդրական գործի առիթը։ Պետք է հետևեին մինչև «համար երկուսը», որտեղ էլ դա լիներ։ Հետո Թոմի գլխում մի սարսափելի միտք ծագեց։ | ||
+ | |||
+ | ― Վրեժխնդրությո՞ն։ Իսկ եթե նա մե՞զ նկատի ունի, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Է՜հ, մի՛ ասա, ― առարկեց Հեքը՝ համարյա ուշագնաց լինելով։ | ||
+ | |||
+ | Նրանք այդ մասին հանգամանորեն խոսեցին և քաղաք մտնելիս համաձայնեցին, որ հավանաբար ուրիշին նկատի ունի, առնվազն, կարող է նկատի ունենալ Թոմին, քանի որ միայն Թոմն էր վկայել։ | ||
+ | |||
+ | Քիչ, շատ քիչ մխիթարություն կար Թոմի համար, որ մենակ է վտանգի մեջ։ Ընկեր ունենալը որոշակիորեն ավելի լավ կլիներ, մտածում էր նա։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXVIII== | ||
+ | |||
+ | |||
+ | Ցերեկվա արկածը Թոմին մեծ չափով տանջեց գիշերը։ Չորս անգամ նա ձեռքը դրեց այդ հարուստ գանձի վրա, և չորս անգամն էլ այն ոչնչի փոխակերպվեց։ Երբ արթնացավ, արթնության հետ վերադարձավ դժբախտության իրական զգացումը։ Վաղ առավոտյան, երբ արթնացած հիշում էր իր մեծ արկածի մանրամասնությունները, նկատեց, որ դրանք զարմանալի կերպով անորոշ են և հեռու, կարծես ուրիշ աշխարհում կամ շատ հին անցյալում պատահած լինեն։ Հետո թվաց, թե այդ մեծ արկածը երազ է։ Այդ մտքի օգտին մի մեծ փաստարկ կար, այն, որ իր տեսած փողերը իրական լինելուց ավելի շատ էին։ Նա մինչ այդ հիսուն դոլարից ավելին իրար մոտ չէր տեսել, և նա, ինչպես իր տարիքի և նման պայմաններում ապրող տղաները, կարծում էր, թե «հարյուրները» և «հազարները» պարզապես արտահայտվելու ձևեր էին, իսկ այդքան գումար աշխարհում չկար։ Նա երբեք չէր կարծում, թե այնպիսի խոշոր գումար, ինչպիսին հարյուր դոլարն է, կարող է որևէ մեկն ունենալ։ Թաքցրած գանձերը նա պատկերացնում էր իբրև մի բուռ իսկական փող և ավելի շատ անորոշ, հրաշալի, բայց և անհասանելի դոլարներ։ Բայց որքան նա մտածում էր իր արկածի մանրամասնությունների մասին, այնքան դրանք ցայտուն էին դառնում։ Ի վերջո սկսեց հավատալ, որ պատահածը, այնուամենայնիվ, լրիվ երազ չէ։ Այդ անորոշությունը պետք է վերացներ։ Նա արագ պետք է նախաճաշեր և գնար Հեքին որոնելու։ | ||
+ | |||
+ | Հեքը շատ ընկճված տեսքով նստած էր մի տափակ նավակի կողքին, ոտքերը ջրի մեջ շարժելով։ Թոմը սպասեց, որ եղածի մասին Հեքը խոսի։ Եթե չխոսի, ուրեմն՝ արկածը պարզապես երազ է եղել։ | ||
+ | |||
+ | ― Հելլո՛, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Հելլո՜։ | ||
+ | |||
+ | Մի րոպե լռություն։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, եթե այդ անիծված գործիքները թողնեինք չորացած ծառի մոտ, հիմա փողի տեր կլինեինք։ Մի՞թե ահավոր չէ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն երազ չէ՞, երազ չէ՞։ Ուզում եմ, որ երազ լիներ, հավատա, ուզում եմ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչը երազ չէ։ | ||
+ | |||
+ | ― Երեկվա պատահածը։ Համարյա հավատացած էի, որ երազ է։ | ||
+ | |||
+ | ― Երա՜զ։ Եթե այդ աստիճանները չջարդվեին, կտեսնեիր, թե ինչ երազ էր։ Ամբողջ գիշեր բավական երազներ տեսա։ Չռած աչքերով այդ իսպանացուն տեսա․ ամբողջ ժամանակ ետևիցս էր վազում։ Գրողի ծոցը կորչի։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, թող չկորչի, պետք է գտնել նրան։ Գտնել փողը։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, մենք նրան երբեք չենք գտնի։ Այդպիսի գումար գտնելու համար մարդու բախտը մի անգամ է բանում։ Այդ առիթը մենք բաց թողինք։ Սարսափելի կվախենամ, եթե նորից տեսնեմ նրան։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ, բայց բոլոր դեպքերում կուզենայի տեսնել և հետևել այդ մարդուն մինչև իր երկրորդ համարը։ | ||
+ | |||
+ | ― Երկրորդ համար, այո։ Ես այդ մասին մտածում էի, բայց դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ բան է դա։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Շատ մութ բան է։ Լսիր, Հեք, գուցե տան համար է։ | ||
+ | |||
+ | ― Խելոք։ Ոչ, Թոմ, դա չէ։ Եթե նույնիսկ այդպես է, մեր այս քաղաքում չէ։ Այստեղ տները համար չունեն։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպես է, թող մի րոպե մտածեմ։ Ահա, սենյակի համարն է, ինչ֊որ հյուրանոցում։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդ է, որ կա։ Այստեղ միայն երկու հյուրանոց կա։ Մենք կարող ենք հեշտությամբ գտնել։ | ||
+ | |||
+ | ― Հեք, այստեղ սպասիր, մինչև գամ։ | ||
+ | |||
+ | Թոմն անմիջապես չքացավ։ Հասարակական վայրերում նա չէր ուզում Հեքի հետ երևալ։ Կես ժամ անցավ։ Նա իմացավ, որ լավագույն հյուրանոցի երկրորդ համարը վաղուց զբաղեցրել է մի երիտասարդ իրավաբան և այժմ էլ այնտեղ է։ Մյուս ավելի անշուք հյուրանոցի երկրորդ համարը խորհրդավոր թվաց։ Հյուրանոցի տիրոջ տղան ասաց, թե այն վաղուց կողպված է, և ինքը երբեք չի տեսել, որ այնտեղ մեկն ու մեկը մտնի կամ դուրս գա, բացի գիշերից։ Ուրիշ ոչինչ չգիտեր։ Նա մի փոքր հետաքրքրասեր տղա էր, բայց ոչ այնքան շատ։ Նա ավելի խորհրդավոր էր դարձրել այն, ինքն իրեն համոզելով, թե սենյակում ոգիներ են ապրում։ Նկատել էր, որ անցյալ գիշեր այնտեղ լույս կար։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ իմացա, Հեք, կարծում եմ, որ դա հենց մեր փնտրած երկրորդ համարն է։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ կարծում, Թոմ։ Հիմա ի՞նչ ես ուզում անել։ | ||
+ | |||
+ | ― Թող մտածեմ։ | ||
+ | |||
+ | Թոմը երկար մտածեց, հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ։ Այդ երկրորդ համարի ետևի դուռը դուրս էր գալիս հյուրանոցի և աղյուսի պահեստի նեղ փողոցը։ Այժմ ինչքան բանալի կարողանաս ճարել, ճարիր, իսկ ես մորաքրոջս բանալիները կթռցնեմ և առաջին մութ գիշերն իսկ այնտեղ կգնանք ու կփորձենք։ Չմոռանաս հետևել Հնդկացի Ջոյին։ Նա ասաց, որ մի անգամ էլ է քաղաք գալու և առիթ է ման գալու իր վրեժը լուծելու։ Եթե տեսնես նրան, պարզապես հետևիր։ Եթե նա այդ երկրորդ համարը չգնա, ուրեմն՝ դա չէ տեղը։ | ||
+ | |||
+ | ― Չեմ ուզում մենակ հետևել։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ, հավանաբար գիշեր է լինելու։ Նա չի կարող քեզ տեսնել, և եթե տեսնի, գուցե ոչինչ էլ չմտածի։ | ||
+ | |||
+ | ― Լավ, եթե լավ մութ լինի, կհետևեմ։ Չգիտեմ, չգիտեմ, կփորձեմ․․․ | ||
+ | |||
+ | ― Եթե մութ լինի, ես էլ կհետևեմ, Հեք։ Տեսնելով, որ վրեժխնդրությունը գլուխ չի գալիս, գուցե գա այստեղ այդ փողերը տանելու։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է, Թոմ, ճիշտ է։ Կհետևեմ։ Կհետևեմ, ազնիվ խոսք։ | ||
+ | |||
+ | ― Այ, արդեն լավ է։ Երբեք մի՛ թուլացիր, Հեք։ Ինքս էլ չեմ թուլանալու։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXIX== | ||
+ | |||
+ | |||
+ | Այդ գիշեր Թոմն ու Հեքը պատրաստ էին իրենց նոր արկածին։ Նրանք հյուրանոցի շուրջը թափառում էին մինչև ժամը ինը, մեկը՝ հեռվից, ճանապարհը դիտելով, մյուսը՝ հյուրանոցի դռանը։ Ոչ ոք փողոց չմտավ կամ դուրս չեկավ։ Իսպանացու նմանվող ոչ մի մարդ հյուրանոց չմտավ կամ այնտեղից դուրս չեկավ։ Գիշերը խոստանում էր պարզ լինել։ Թոմը տուն գնաց, պայմանավորվելով, որ եթե բավականաչափ մութ լինի, Հեքը թող գա, մլավի։ Ինքը դուրս կծլկի և կփորձի բանալիները։ Բայց գիշերը պարզկա էր, և ժամը մոտ տասներկուսին Հեքը իր դիտակետը թողնելով, գնաց քնելու շաքարի դատարկ տակառի մեջ։ | ||
+ | |||
+ | Տղաները երեքշաբթի օրն էլ բախտ չունեցան, ինչպես և չորեքշաբթի օրը։ Բայց հինգշաբթի օրը ավելի խոստումնալից էր։ Հարմար ժամին Թոմը դուրս սահեց, վերցնելով մորաքրոջ թիթեղյա հին լապտերը և մի մեծ սրբիչ, որ լույսը քողարկի։ Նա լապտերը պահեց Հեքի շաքարի տակառում և անցավ պահակության։ Կեսգիշերից մի ժամ հետո հյուրանոցը փակվեց, և լույսերը հանգան (շրջակայքում ուրիշ լույս չկար)։ Ոչ մի իսպանացի չերևաց։ Ոչ ոք ներս չմտավ, ոչ էլ դուրս եկավ փողոցից։ Ամեն ինչ հարմար էր։ Մութը տիրում էր, կատարյալ լռությունը խզվում էր միայն հեռավոր ամպրոպի հատուկենտ ճայթյուններից։ | ||
+ | |||
+ | Թոմը վերցրեց լապտերը, տակառի մեջ վառեց, փաթաթեց սրբիչով, և երկու արկածախնդիրները մթության մեջ շարժվեցին դեպի հյուրանոց։ Հետո մտահոգ սպասաման երկարատև ժամանակ անցավ, որ Հեքին ճնշեց սարի նման։ Նա ուզում էր տեսնել լապտերի լույսը։ Դա տղային կվախեցներ, բայց նա գոնե կիմանար, որ Թոմը դեռևս ողջ է։ | ||
+ | |||
+ | Թվում էր, թե Թոմի գնալուց հետո ժամեր են անցել։ Հավանաբար ուշագնաց է եղել։ Գուցե մեռել է, գուցե սարսափից և հուզմունքից սիրտը պայթել է։ Անհանգիստ վիճակում Հեքը գլխի ընկավ, որ դանդաղ մոտենում է փողոցին, ամեն սարսափելի բանից վախենալով և ամեն վայրկյան սպասելով օրհասական աղետի։ Վախից շունչը կտրվում էր, սիրտն այնպես էր թպրտում, որ քիչ էր մնում պայթի։ Հանկարծ լույսի մի շող երևաց և Թոմը սլացավ նրա կողքով։ | ||
+ | |||
+ | ― Փախիր, ― ասաց նա,― փախիր և կյանքդ ազատիր։ | ||
+ | |||
+ | Կրկնելու կարիք չուներ․ մի անգամը բավական էր։ Հեքն արդեն վազում էր ժամում երեսուն կամ քառասուն մղոն արագությամբ։ Մինչև քաղաքի մյուս ծայրում գտնվող լքված սպանդանոցը տղաները կանգ չառան։ Հազիվ էին տեղ հասել, երբ պայթեց ամպրոպը, և անձրև տեղաց։ Երբ Թոմի շունչը տեղը եկավ, նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հեք, սարսափելի էր։ Բանալիներից երկուսը փորձեցի, ինչքան կարող էի կամաց, բայց դրանք այնպիսի ձայն էին հանում, որ լեղիս ճաքում էր։ Այնպես էի վախենում։ Դրանք կողպեքի մեջ չէին պտտվում։ Հետո, առանց իմանալու, թե ինչ եմ անում, ես բռնակը հրեցի, և դուռը բացվեց։ Չէր կողպված։ Ես ներս թռա, սրբիչը հանեցի և ով մեծ կեսարի ոգի․․․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ, ի՞նչ տեսար, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Հեք, քիչ մնաց Հնդկացի Ջոյի ձեռքը տրորեի։ | ||
+ | |||
+ | ― Չէ՜։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Նա այնտեղ պառկած էր, հատակին, խոր քնած, աչքին այդ հին լաթի կտորը և ձեռքերը տարածած։ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ, ի՞նչ արեցիր։ Նա արթնացա՞վ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չշարժվեց էլ։ Կարծեմ հարբած էր։ Ես անմիջապես վերցրի սրբիչը և դուրս թռա։ | ||
+ | |||
+ | ― Ես սրբիչի մասին չէի մտածի, վստահ եմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես կմտածեի։ Մորաքույրս հոգիս կհաներ, եթե կորցնեի։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Թոմ, այդ սնդուկը տեսա՞ր։ | ||
+ | |||
+ | ― Հեք, ես շուրջս նայելու ժամանակ չունեցա։ Տուփը չտեսա, խաչն էլ չտեսա։ Ես բան չտեսա, բացի Հնդկացի Ջոյի կողքի շշից և թիթեղե բաժակից։ Հա, տեսա նաև երկու տակառ և բազմաթիվ շշեր։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչ է կատարվում այդ ոգիների սենյակում։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ։ | ||
+ | |||
+ | ― Դա վիսկիով է լցված։ Գուցե բոլոր հյուրանոցներում այդպիսի ոգիներով լիքը սենյակներ կան, հը՞, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Գուցե այդպես է։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Բայց լսիր, Թոմ, հիմա ամենահարմար ժամանակն է այդ տուփը վերցնելու, քանի Հնդկացի Ջոն հարբած է։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, դե գնա փորձիր։ | ||
+ | |||
+ | Հեքը սարսռաց․ | ||
+ | |||
+ | ― Չէ, ես չեմ կարող։ | ||
+ | |||
+ | ― Ոչ էլ ես, Հեք։ Հնդկացի Ջոյի կողքին միայն մի շիշ կար և դա բավական չէ։ Եթե երեքը լինեին, նա բավական խմած կլիներ, և ես կանեի։ | ||
+ | |||
+ | Երկարատև, մտահոգ լռություն տիրեց, հետո Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Հեք, արի այլևս չփորձենք, մինչև չիմանանք, որ Հնդկացի Ջոն այնտեղ չէ։ Շատ սարսափելի է։ Եթե ամեն գիշեր հսկենք, վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի։ Այդ ժամանակ տուփը կթռցնենք կայծակից էլ արագ։ | ||
+ | |||
+ | ― Լավ, համաձայն եմ։ Ամբողջ գիշերը կհսկեմ և ամեն գիշեր կհսկեմ, եթե գործի մնացած մասը դու անես։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ, կանեմ։ Սրանից հետո քո անելիքը կլինի վազել Հուպըր փողոցը և մլավել։ Եթե քնած լինեմ, լուսամուտին խճաքարեր նետիր, որ արթնանամ։ | ||
+ | |||
+ | ― Համաձայն եմ, այդպես էլ կանեմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա, Հեք, ամպրոպն անցավ, և ես տուն պիտի գնամ։ Մի քանի ժամից արշալույսը կբացվի։ Դու հետ գնա և հսկիր, լա՞վ։ | ||
+ | |||
+ | ― Ասացի կանեմ, Թոմ, ուրեմն՝ կանեմ։ Ամբողջ մի տարի այս հյուրանոցից գիշերները չեմ հեռանա։ Ամբողջ ցերեկը կքնեմ և ամբողջ գիշեր կհսկեմ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ։ Իսկ որտե՞ղ կքնես։ | ||
+ | |||
+ | ― Բեն Ռոջերսի խոտանոցում։ Նա ինձ թույլ է տալիս։ Նույնը անում է նրա հոր նեգրը՝ քեռի Ջեկը։ Քեռի Ջեկի համար ջուր եմ կրում, երբ նա ուզում է, և ամեն անգամ, ուտելու մի փոքր բան է տալիս, եթե ունենում է։ Շատ բարի նեգր է, Թոմ։ Նա ինձ սիրում է, որովհետև ես երբեք այնպես չեմ պահում ինձ, թե իբր ես նրանից բարձր եմ։ Մի քանի անգամ ես նստել եմ նրա հետ և միասին կերել։ Բայց կարիք չկա, որ դա պատմես։ Երբ մարդ սարսափելի սոված է, անում է այնպիսի բաներ, որ չէր ուզենա անել, իբրև ամոթալի արարք։ | ||
+ | |||
+ | ― Լավ, քանի որ ցերեկները քո կարիքը չեմ զգալու, Հեք, կթողնեմ, որ քնես։ Չեմ գա քեզ խանգարելու։ Գիշերները, եթե որևէ բան նկատես, պարզապես արի ու մլավի։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXX== | ||
+ | |||
+ | |||
+ | Ուրբաթ առավոտյան Թոմի լսած առաջին բանը ուրախ լուր էր․ նախորդ գիշեր քաղաք էր վերադարձել դատավոր Թեչըրի ընտանիքը։ Մի պահ երկրորդական կարևորություն ստացան և՛ Հնդկացի Ջոն, և՛ գանձը։ | ||
+ | |||
+ | Բեքին առաջին տեղը գրավեց տղայի հետաքրքրության մեջ։ Նա տեսավ աղջկան, և նրանք հրաշալի ժամանակ անցկացրին խաղալով իրենց դասարանցիների մի մեծ խմբի հետ։ Օրն ավարտվեց և պսակվեց շատ գոհացուցիչ ձևով։ Բեքին համոզեց մորը, որ հաջորդ օրվա համար նշանակի երկար ժամանակ խոստացված և երկար հետաձգված պիկնիկը։ Մայրը համաձայնեց։ Երեխայի ուրախությունն անսահման էր, իսկ Թոմը չափավորներից չէր։ Մինչև մայրամուտ հրավերներ ուղարկվեցին։ Քաղաքի պատանիներն անմիջապես ընկան պատրաստության մոլուցքի մեջ և սկսեցին նախապես վայելել այն։ Թոմը հուզմունքից արթուն մնաց բավական ժամանակ։ Հույս ուներ, թե կլսի Հեքի մլավոցը և իր գանձերով հաջորդ օրը կզարմացնի Բեքիին և պիկնիկի մյուս մասնակիցներին, բայց հիասթափվեց։ Այդ գիշեր ոչ մի նշան չեղավ։ | ||
+ | |||
+ | Առավոտը եկավ և ժամը տասի կամ տասնմեկի մոտերքը աղմկալից և թռվռուն մի խումբ հավաքվեց դատավոր Թեչըրի տան առաջ։ Ամեն ինչ պատրաստ էր ճանապարհ ընկնելու։ Սովորություն չէ, որ մեծահասակներն իրենց ներկայությամբ խանգարեն պիկնիկավորներին։ Երեխաները ապահով էին համարվում տասնությամյա մի քանի աղջիկների և մի քանի քսանամյա երիտասարդների հսկողության տակ։ Վարձված էր «Ջին» գետանցանավը։ Շուտով ուրախ խումբը գլխավոր փողոցը լցրեց ուտելիքների զամբյուղներով։ Սիդը հիվանդ էր և հարկադրված էր այդ հաճույքից զրկվել։ Մերին մնաց տանը նրան զբաղեցնելու համար։ Վերջին բանը, որ միսիս Թեչըրը ասաց Բեքիին, այս էր․ | ||
+ | |||
+ | ― Դու շատ ուշ կվերադառնաս։ Գուցե ավելի լավ կլինի գիշերը մնաս նավահանգստի մոտ ապրող աղջիկներից մեկի տանը։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում ես Սյուզի Հարպըրի հետ կմնամ, մայրիկ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ։ Քեզ լավ պահիր և որևէ անախորժության առիթ չտաս։ | ||
+ | |||
+ | Երբ նրանք դուրս եկան, Թոմն ասաց Բեքիին․ | ||
+ | |||
+ | ― Լսիր, ահա թե ինչ կանենք։ Ջո Հարպըրենց գնալու փոխարեն մենք բլուր կբարձրանանք և կմնանք այրի Դուգլասի մոտ։ Նա պաղպաղակ կունենա։ Նա համարյա միշտ պաղպաղակ է ունենում և այնքա՜ն շատ։ | ||
+ | |||
+ | ― Նա կուրախանա, եթե մեզ տեսնի։ | ||
+ | |||
+ | ― Օ՛յ, դա հրաշալի բան կլինի։ | ||
+ | |||
+ | Հետո Բեքին մի րոպե մտածեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Բայց ի՞նչ կասի մայրիկը։ | ||
+ | |||
+ | ― Որտեղի՞ց պիտի իմանա։ | ||
+ | |||
+ | Աղջիկը մտածեց և ասաց անվճռականորեն․ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, որ սխալ է, բայց․․․ | ||
+ | |||
+ | ― Բայց ոչինչ։ Քո մայրը չի իմանա։ Կամ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Նրա ամբողջ ուզածն այն է, որ դու ապահով լինես և գրազ կգամ, որ ինքը քեզ կասեր այդտեղ գնալ, եթե մտքովն անցներ։ Վստահ եմ, որ կասեր։ | ||
+ | |||
+ | Այրի Դուգլասի հրաշալի հյուրասիրությունը գայթակղիչ էր։ Դա և Թոմի հավաստիացումները գործը տեսան։ Որոշվեց գիշերային ծրագրի մասին ոչ ոքի չասել։ | ||
+ | |||
+ | Հանկարծ Թոմը հիշեց, որ գուցե այդ գիշեր Հեքը կգա և ազդանշան կտա։ Այդ մտածումից նրա ոգևորության մի մասը սառեց։ Բայց նա չէր կարողանում հրաժարվել այրի Դուգլասի տանն սպասող ուրախությունից։ Եվ ինչո՞ւ պետք է հրաժարվեր, տրամաբանեց նա․ անցյալ գիշեր ազդանշան չեղավ, ինչո՞ւ պետք է այս գիշեր լիներ։ Գիշերային ապահով ուրախությունը մի կողմ մղեց անապահով գանձը և, ինչպես բնական է երեխայի համար, նա որոշեց տեղի տալ ավելի ուժեղ ցանկությանը, իրեն թույլ չտալ գանձի մասին այդ օրը մի անգամ էլ մտածել։ | ||
+ | |||
+ | Քաղաքից երեք մղոն ներքև գետանցանավը կանգ առավ ծառաշատ մի հովտի դիմաց և կապվեց ափից։ Խումբը ցամաք դուրս եկավ և շուտով անտառի թավուտներում, ժայռերի վրա լսվեցին ծիծաղ ու աղմուկ։ Տաքանալու և հոգնելու բոլոր ձևերը գործի դրվեցին։ Շուտով չարաճճիները ճամբար վերադարձան բացված ախորժակով և վրա պրծան համեղ ուտելիքներին։ Խնջույքից հետո հանգստացան սաղարթախիտ կաղնու սստվերում և զրուցեցին։ Հանկարծ մեկը բղավեց․ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է ուզում քարանձավ գնալ։ | ||
+ | |||
+ | Բոլորն էլ ուզում էին։ Կապոցներով մոմեր մեջտեղ հանվեցին և անմիջապես մագլցեցին բլուրն ի վեր։ Քարանձավի մուտքը բլրի գագաթին էր, մի բացվածք A տառի նման։ Նրա հսկա կաղնե դուռը բաց էր։ Ներսում կար մի փոքր սենյակ, սառցարանի նման ցուրտ և բնության կողմից պատած պինդ կրով, որը թաց էր, կարծես ծածկված էր սառը քրտինքով։ Այնքա՜ն խորհրդավոր էր ու ռոմանտիկ՝ թանձր խավարում կանգնած, դիտել ներքևում տարածվող կանաչ հովիտը, որ փայլում էր արևի տակ։ Բայց առաջին տպավորությունը շուտով թուլացավ, և նորից աղմկարարությունը սկսվեց։ Հենց որ մեկը մոմ էր վառում, բոլորը հարձակվում էին վրան։ Ինչքան էլ սա պայքարեր ու պաշտպանվեր, մոմը շուտով մի կողմ էր շպրտվում կամ հանգցվում։ Հետո բոլորը ծիծաղում էին ու հարձակվում մի ուրիշի վրա։ Բայց ամեն ինչ վախճան ունի։ Շուտով գլխավոր անցքի գահավեժ թեքվածքով ցած իջան։ Մոմերի առկայծող լույսի տակ երևում էին քարե պատերը մինչև իրենց միացման տեղը՝ վաթսուն ոտնաչափ բարձր։ Գլխավոր անցքը ութ֊տասը ոտնաչափից ավելի լայն չէր։ Յուրաքանչյուր քայլափոխին երկու կողմից դրան միանում էին ուրիշ, ավելի նեղ անցքեր։ Մակ֊Դուգալի քարանձավը մի լաբիրինթոս էր իրար միացած միջանցքների, որոնք ոչ մի ելք չունեին։ | ||
+ | |||
+ | Ասում էին, թե կարելի է օրեր և գիշերներ թափառել այդ անցքերի ու ճեղքերի խճճվածքում և քարանձավի վերջը չգտնել։ Կարելի էր գնալ ու գնալ, իջնել ու իջնել դեպի գետնի խորքը և միշտ միևնույնն էր, լաբիրինթոս լաբիրինթոսի տակ և դրանցից ոչ մեկն էլ վերջ չուներ։ Ոչ մի մարդ «չգիտեր» քարանձավը։ Դա անհնար բան էր։ Երիտասարդներից շատերը դրա մի մասը միայն գիտեին, և ընդունված չէր այդ հայտնի մասից ավելի հեռու խիզախել։ Թոմ Սոյերն էլ քարանձավին ծանոթ էր այնքան, որքան ուրիշները․ խումբը շարժվեց գլխավոր անցքով մոտ երեք քառորդ մղոն, հետո խմբերի ու զույգերի բաժանվեցին և գնացին դեպի կողքի անցքերը։ Մտադիր էին անցնել նեղ միջանցքներով ու իրար հանկարծակիի բերել այն տեղում, որտեղ միջանցքները նորից միանում են։ Առանց «ճանաչված» մասից հեռանալու, խմբերը կես ժամ կարող էին իրար չհանդիպել։ | ||
+ | |||
+ | Կամաց֊կամաց, խումբ խմբի ետևից դուրս եկան քարանձավից՝ ուրախ, ոտից֊գլուխ մոմի կաթիլներով ծածկված, կավաշաղախ և ամբողջովին հիացած անցկացրած օրվա հաջողությամբ։ Նրանք զարմանում էին, որ չեն զգացել, թե ինչպես է անցել ժամանակը։ Արդեն երեկո էր։ Կես ժամ էր ինչ նավից զանգահարում էին։ Այնուամենայնիվ, օրվա արկածն այս ձևով ավարտելը ռոմանտիկ էր, հետևաբար՝ գոհացուցիչ։ Երբ շոգենավը իր ուրախ բեռով ճանապարհ ընկավ, ոչ ոք, բացի նավապետից, վեց պենսի չափ իսկ չէր ափսոսում կորցրած ժամանակը։ | ||
+ | |||
+ | Հեքն արդեն իր պահակակետի վրա էր, երբ շոգենավի լույսերը իր կողքով անցան։ Նա ոչ մի ձայն չլսեց, որովհետև երիտասարդները լուռ էին այնպես, ինչպես սովորաբար լռում են սաստիկ հոգնած մարդիկ։ Նա զարմացավ, թե ինչ նավ էր այդ, որ նավահանգստում չկանգնեց, հետո շուտով մոռացավ այն և ուշադրությունը կենտրոնացրեց իր գործի վրա։ Գիշերն ամպոտ ու մութ էր։ Ժամը տասն էր։ Սայլերի աղմուկը դադարեց, ցրված լույսերը սկսեցին հանգչել, ոտնաձայները լռեցին, և փոքր քաղաքն սկսեց ննջել փոքրիկ պահակին թողնելով մենակ՝ լռության ու ոգիների հետ։ Ժամը տասնմեկը հնչեց, և հյուրանոցի լույսը հանգավ։ Այժմ ամեն տեղ մութ էր։ Հեքը սպասեց, ինչպես իրեն թվաց, շատ երկար, բայց ոչինչ չպատահեց։ Նրա հավատքը թուլանում էր։ Որևէ իմաստ ունե՞ր այս բոլորը, որևէ նպատակ։ Ինչո՞ւ չլքել ու ետ չգնալ։ | ||
+ | |||
+ | Մի ձայն հասավ ականջին։ Տղան լսողությունը լարեց։ Փողոցի դուռը կամացուկ փակվեց։ Հեքն իսկույն նետվեց մի անկյուն։ Հաջորդ վայրկյանին նրա կողքով վազեցին երկու հոգի և թվաց թե մեկը ինչ֊որ բան ունի թևի տակ։ Պետք է որ տուփը լիներ։ Ուրեմն՝ գանձը տեղափոխում են։ Ինչո՞ւ այժմ Թոմին կանչել։ Հիմարություն կլիներ․ մարդիկ տուփի հետ կանհետանային և այլևս չէին գտնվի։ Ոչ, նա պոկ չի գա դրանից և կհետևի։ Նա վստահ է, որ խավարում կարող է լինել ապահով, մնալ աննկատելի։ Այսպես ինքն իր հետ խոսելով, Հեքը դուրս եկավ և մարդկանց հետևից սահեց կատվի նման, բոբիկ ոտքերով, նրանց այնքան առաջ թողնելով, որ չտեսնվի։ | ||
+ | |||
+ | Երեք տնաշարք անցան գետեզերյան փողոցով, հետո դարձան դեպի ձախ և մտան հանդիպակաց փողոցը։ Ուղիղ առաջ գնացին, մինչև հասան Քարտիֆ բլուրը տանող ուղին և այդ ճանապարհը բռնեցին։ Նրանք անցան ծեր ուելսեցու տան մոտով և բլրի կես ճանապարհին, առանց վարանելու, շարունակեցին վերև մագլցել։ «Լավ է, ― մտածեց Հեքը, ― հին քարանձավում են թողնելու»։ Բայց նրանք բարձրացան դեպի գագաթը։ Շրջվեցին դեպի նեղ արահետը, անցան խիտ թփուտի միջով և հանկարծ խավարում չքացան։ Հեքը քայլերն արագացրեց և տարածությունը կրճատեց, որովհետև նրանք այլևս իրեն տեսնել չէին կարող։ Որոշ ժամանակ նա համարյա վազում էր, հետո դանդաղեցրեց քայլերը, վախենալով, որ շատ արագ է քայլում։ Մի փոքր էլ առաջացավ, հետո բոլորովին կանգնեց։ Ականջ դրեց։ Ոչ մի ձայն։ Լսում էր միայն իր սրտի զարկերը։ Բլրից լսվեց բուի կռինչը։ Չարագուշակ նշան։ Բայց քայլերի ոչ մի ձայն։ Երկինք, մի՞թե ամեն ինչ կորած է։ Նա ուզում էր հեռանալ, երբ մի մարդ կոկորդը մաքրեց իրենից չորս քայլ հեռու։ Հեքի սիրտը կուչ եկավ, բայց նա թուքը կուլ տվեց և մնաց կանգնած։ Այնպես էր դողում, ասես միանգամից բռնվել էր տասը տեսակ տենդով։ Իրեն այնքան թույլ էր զգում, որ մտածեց, թե ուր որ է գետին կընկնի։ Նա գիտեր, թե որտեղ է կանգնած․ ընդամենը հինգ քայլ էր հեռու այրի Դուգլասի կալվածքը շրջափակող ցանկապատի դռնակից։ «Շատ լավ, ― մտածեց նա, ― թող այդտեղ թաղեն, դժվար չի լինի գտնել»։ | ||
+ | |||
+ | Այդ ժամանակ մի ցածր ձայն լսվեց, մի շատ ցածր ձայն․ Հնդկացի Ջոն էր։ ― Գրողը տանի, գուցե մոտը մարդ կա, լույսը վառվում է, թեև արդեն ուշ է։ | ||
+ | |||
+ | ― Ես ոչ մի լույս չեմ տեսնում։ | ||
+ | |||
+ | Դա օտարականի ձայնն էր, ոգիների տան օտարականի ձայնը։ Մահացու մի դող անցավ Հեքի մարմնով․ ուրեմն՝ այս էր «վրեժխնդրության» գործը։ Նա ուզեց փախչել, բայց հիշեց, որ այրի Դուգլասը միշտ էլ բարի էր եղել իր նկատմամբ։ Իսկ այդ մարդիկ գուցե ուզում են սպանել նրան։ Հեքը սրտանց կուզենար նախազգուշացնել այրուն, բայց գիտեր, որ չի համարձակվի․ կարող էին իրեն բռնել։ Այդ բոլորը և ավելին տղան մտածեց այն վայրկյանին, երբ օտարականը խոսեց, իսկ Հնդկացի Ջոն պատրաստվեց պատասխանելու։ | ||
+ | |||
+ | Վերջինս ասաց․ | ||
+ | |||
+ | ― Մացառը խանգարում է քեզ։ Այս կողմից նայիր, տեսնո՞մ ես։ | ||
+ | |||
+ | ― Այո, տեսա․ երևի հյուրեր ունի։ Ավելի լավ է այս գործից ձեռք քաշենք։ | ||
+ | |||
+ | ― Ձեռք քաշե՞լ, երբ այս երկրից ընդմիշտ հեռանում եմ։ Ձեռք քաշե՞լ։ Գուցե մի ուրիշ առիթ այլևս չունենամ։ Քեզ նորից ասում եմ, ինչպես նախօրոք ասել եմ։ Նրա փողն ինձ պետք չէ․ կարող ես ինքդ վերցնել։ Բայց ամուսինը վիրավորել է ինձ, շատ է վիրավորել, հատկապես, երբ հաշտարար դատավոր էր։ Նա ինձ, որպես շրջմոլիկի դատել է։ Եվ դա դեռ բոլորը չէ։ Դա միլիոներորդն էլ չէ։ Նա ինձ մտրակել է տվել, մտրակել է տվել բանտի առաջ, հասկանո՞ւմ ես։ Բախտ ունեցավ մեռնելու։ Բայց ես տեղը կնոջից կհանեմ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, մի սպանիր նրան, մի սպանիր։ | ||
+ | |||
+ | ― Սպանե՞լ։ Ո՞վ սպանելու մասին խոսեց։ Ես կսպանեի ամուսնուն, եթե այնտեղ լիներ, բայց ոչ կնոջը։ Երբ ուզում ես կնոջից վրեժ լուծել, դու նրան մի սպանի։ Ի՞նչ կարիք կա։ Դու նրան տգեղացրու․ քիթը կտրիր, ականջները։ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ, դու․․․ | ||
+ | |||
+ | ― Կարծիքդ քեզ պահիր։ Քեզ համար ավելի ապահով կլինի։ Ես նրան մահճակալին կկապեմ։ Եթե արնաքամ լինի, մի՞թե իմ հանցանքն է։ Լաց չեմ լինի, եթե մահանա։ Բարեկամս, դու ինձ այս գործում պիտի օգնես, թե չէ էլ ինչո՞ւ էի քեզ այստեղ բերում։ Մեն֊մենակ գուցե չկարողանամ գործը գլուխ բերել։ Եթե վախկոտություն անես, կսպանեմ քեզ, հասկանո՞ւմ ես։ Եվ եթե ստիպված լինեմ սպանել քեզ, կսպանեմ նաև նրան, հետո ոչ ոք չի իմանա, թե ո՞վ է այս գործն արել։ | ||
+ | |||
+ | ― Լավ, եթե պետք է, շուտ անենք, ինչքան արագ, այնքան լավ։ Ես ամբողջ մարմնով դողում եմ։ | ||
+ | |||
+ | ― Հիմա՞, երբ մոտը հյուրեր կան։ Լսիր, ես կասկածոտ եմ դառնում, հասկանո՞ւմ ես։ Ոչ, կսպասենք, մինչև լույսերը հանգչեն։ Շտապելու կարիք չկա։ | ||
+ | |||
+ | Հեքը զգաց, որ լռություն է տիրելու։ Իսկ դա ավելի սարսափելի էր, քան մարդասպանական որևէ զրույց։ Նա շունչը պահեց և մի քայլ ետ գնաց։ Ոտքն զգուշությամբ գետին դրեց և ետ քայլեց, նախապես շոշափելով այն տեղը, ուր պետք է կանգներ։ Նույն զգուշությամբ նա մյուս ոտքը ետ քաշեց, մի քայլ էլ ետ գնաց, հետո մի ուրիշը, մի ուրիշը, մինչև ոտքի տակ մի ճյուղ ջարդվեց։ Տղայի շունչը կտրվեց և նա ականջ դրեց։ Ոչ մի ձայն։ Կատարյալ լռություն էր տիրում։ Անչափ ուրախացավ։ Այժմ զգուշորեն, նավի նման, շուռ եկավ թփուտների արանքում և արագացրեց քայլերը։ Երբ քարհանք հասավ, իրեն ապահով զգաց և սկսեց վազել, որքան ոտքերում ուժ ուներ։ Ներքև շտապեց՝ մինչև հասավ ուելսեցու դուռը։ Դուռը բախեց։ Լուսամուտից դուրս ցցվեցին ծերունու և նրա երկու հաղթանդամ տղաների գլուխները։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ աղմուկ է։ Ո՞վ է դուռը ծեծում։ Ի՞նչ ես ուզում։ | ||
+ | |||
+ | ― Ինձ շուտ ներս թողեք։ Ես ամեն ինչ կպատմեմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞վ ես դու։ | ||
+ | |||
+ | ― Հեքլբերի Ֆինը, շուտ, ինձ ներս թողեք։ | ||
+ | |||
+ | ― Հեքլբերի Ֆին, իսկապես։ Դա այնպիսի մի անուն չէ, որ դռները բացվեն նրա առաջ, բայց թե ներս թողնենք, տղաներ։ Տեսնենք ի՞նչ է պատահել։ | ||
+ | |||
+ | ― Խնդրում եմ, ոչ ոքի չհայտնեք իմ ասելիքը։ ― Սրանք եղան Հեքի առաջին խոսքերը, երբ ներս մտավ։ ― Խնդրում եմ չասել, ինձ կսպանեն, բայց այրին ինձ հետ լավ է վարվել և ես ուզում եմ ասել։ Կասեմ, եթե խոստանաք, որ երբեք չեք ասի, թե ես եմ ասել։ | ||
+ | |||
+ | ― Ազնիվ խոսք, ասելու բան ունի, թե չէ այդպես չէր վարվի, ― բացականչեց ծերուկը։ ― Ասա, և մեզնից ոչ ոք ուրիշի չի ասի, մանչուկ։ | ||
+ | |||
+ | Երեք րոպե հետո ծերունին և նրա որդիները, զինված, բարձրանում էին բլուրն ի վեր, ոտքի մատների վրա մտնում թփուտները՝ զենքները ձեռքներին պատրաստ։ Հեքը ավելի հեռու չուղեկցեց նրանց։ Թաքնվեց մի մեծ քարի ետև և ականջները սրեց։ Տիրեց երկար, ճնշող լռություն, հետո հանկարծ լսվեցին կրակոցներ և մի ճիչ։ Հեքը ավելի մանրամասնությունների չսպասեց։ Նա վեր թռավ և բլուրն ի վար արագ վազեց, այնքան արագ, ինչքան ուժ ուներ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXI== | ||
+ | |||
+ | |||
+ | Կիրակի օրը, լույսը բացվելուն պես Հեքը բլուրն ի վեր բարձրացավ և կամացուկ բախեց ծեր ուելսեցու դուռը։ Տնեցիները քնած էին, բայց այնպիսի քնով, որը մազից էր կախված գիշերվա հուզումնալից անցուդարձի պատճառով։ Լուսամուտից մի ձայն լսվեց․ | ||
+ | |||
+ | Հեքը վախեցած ձայնով, կամացուկ պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ, ներս թողեք ինձ․ Հեք Ֆինն եմ։ | ||
+ | |||
+ | ― Դա մի անուն է, որ կարող է այս դուռը բացել գիշեր թե ցերեկ։ Բարի գալուստ, տղա։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերը տարօրինակ հնչեցին թափառաշրջիկ տղայի ականջին։ Ավելի դուրեկան խոսք նա իր կյանքում դեռևս չէր լսել։ Չէր հիշում, որ նման խոսքեր մինչ այդ իր հասցեին գործածված լինեին։ | ||
+ | |||
+ | Դուռն արագ բացվեց, և նա ներս մտավ։ Հեքին մի աթոռ տվեցին, և ծեր մարդն ու նրա բարձրահասակ տղաները շտապ հագնվեցին։ | ||
+ | |||
+ | ― Այժմ, տղաս, կարծում եմ, որ դու լավ քաղցած կլինես։ Նախաճաշը շուտով պատրաստ կլինի։ Իսկ երբ արևը բարձրանա, մենք տաք ճաշ կունենանք, ապահով եղիր։ Ես ու իմ տղաները կարծում էինք, թե դու կվերադառնաս և գիշերը այստեղ կմնաս։ | ||
+ | |||
+ | ― Ես սարսափելի վախեցած էի, ― ասաց Հեքը, ― և փախա։ Ես վազեցի, երբ սկսեցին կրակել։ Կանգ չառա, մինչև անցա երեք մղոն տարածություն։ Եկա, որովհետև ուզեցի իմանալ, թե ինչ եղավ։ Արշալույսից առաջ եկա, որովհետև չէի ուզում հանդիպել այդ սատանաներին, նույնիսկ եթե մահացած լինեին։ | ||
+ | |||
+ | ― Այո, խեղճ երեխա, երևում է, որ ծանր գիշեր ես անցկացրել։ Այստեղ մի անկողին կա քեզ համար, որտեղ կարող ես քնել նախաճաշից հետո։ Ինչ վերաբերում է նրանց, ոչ, նրանք չեն մահացել, և դրա համար մենք բավական ցավում ենք։ Քո նկարագրածով մենք լավ գիտեինք, թե որտեղ կարող էինք բռնել նրանց։ Զգուշությամբ մոտեցանք։ Նրանցից հեռու էինք տասնհինգ ոտնաչափ միայն։ Թփուտի միջով անցնող արահետը շատ մութն էր։ Հենց այդ պահին զգացի, որ պետք է փռշտամ։ Ամենավատ բախտն էր դա։ Ես փորձեցի ինձ զսպել, բայց անօգուտ․ փռշտոցը գալու վրա էր և նա եկավ։ Հրացանը ձեռքիս ես առջևումն էի, և երբ փռշտոցը սկսվեց, այդ սրիկաները դուրս թռան ու ճանապարհով փախան։ Ես բղավեցի․ «Կրակեցեք տղաներ»։ Կրակեցի այն տեղի վրա, որտեղից նրանց ձայնը լսվեց։ Նույնն արեցին տղաները։ Բայց սրիկաները փախան, և մենք վազեցինք նրանց ետևից մինչև անտառ։ Կարծում եմ, որ մենք վրիպեցինք։ Երբեմն նրանք էլ էին կրակում փախչելիս, բայց գնդակները սուլելով անցնում էին մեր կողքով և մեզ ոչ մի վնաս չպատճառեցին։ Երբ ոտնաձայները լռեցին, հետապնդումը դադարեցրինք, իջանք ներքև, ոստիկաններին ոտքի հանեցինք։ Նրանք մի խումբ ուղարկեցին գետափը հսկելու։ Լույսը բացվելուն պես շերիֆն ու նրա խումբը գնալու են անտառները խուզարկելու։ Իմ տղաները նրանց հետ են լինելու։ Ես կցանկանայի այդ աղվեսների նկարագրությունն ունենալ։ Դա շատ կօգներ, բայց կարծում եմ, որ մթան մեջ նրանց դեմքը տեսած չես լինի, հա՞։ | ||
+ | |||
+ | ― Չէ, ես նրանց քաղաքում տեսա և հետևեցի։ | ||
+ | |||
+ | ― Հրաշալի է։ Նկարագրիր, նկարագրիր տղաս։ | ||
+ | |||
+ | ― Մեկը մունջ ու համր ծեր իսպանացի է, որ այս կողմերում մի քանի անգամ եղել է, մյուսը՝ պատառոտված շորերով, տգեղ․․․ | ||
+ | |||
+ | ― Այդքանը բավական է, տղաս, ճանաչեցի դրանց։ Այրու տան ետևի անտառում մի անգամ հանդիպեցի, և նրանք մի կողմի վրա փախան։ Այժմ գնացեք, տղաներ, և այս բոլորը հայտնեցեք շերիֆին։ Կնախաճաշեք վաղը։ | ||
+ | |||
+ | Ուելսեցու տղաներն անմիջապես մեկնեցին։ Երբ նրանք սենյակից դուրս էին գալիս, Հեքը վեր թռավ և բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Խնդրում եմ, ոչ ոքի չասեք, որ ես եմ նրանց մատնել, խնդրում եմ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ, եթե այդպես ես ուզում, Հեք, բայց դու քո արածի պատիվը պետք է ստանաս։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ոչ, ոչ, խնդրում եմ, մի ասեք։ | ||
+ | |||
+ | Երիտասարդների գնալուց հետո ծեր ուելսեցին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նրանք չեն ասի, ես էլ չեմ ասի։ Բայց ինչո՞ւ չես ուզում, որ իմացվի։ | ||
+ | |||
+ | Հեքը ավելին չբացատրեց։ Նա ասաց միայն, որ դրանցից մեկի մասին ինքն արդեն շատ բան գիտե։ Թող այդ մարդը չիմանա, որ ինքը նրա մասին բան գիտե։ Նա դրա համար անպայման կսպանի իրեն։ | ||
+ | |||
+ | Ծեր մարդը մի անգամ էլ խոստացավ գաղտնապահ լինել և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս եղավ, որ դու այս մարդկանց հետևեցիր։ Նրանք կասկածելի տե՞սք ունեին։ | ||
+ | |||
+ | Հեքը լռեց, մինչև բավական զգույշ մի պատասխան ձևակերպեց։ Հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ք ինչ․ ես թափառաշրջիկ եմ, գոնե բոլորն այդպես են ասում, և ես առարկել չեմ կարող։ Շատ անգամ քուն ու դադար մոռացած՝ մտածում եմ, թե ինչ հնարքով դուրս գամ այդ վիճակից ու նոր ձևով ապրեմ։ Այդպես էլ անցյալ գիշեր։ Քնել չէի կարողանում։ Կեսգիշեր էր։ Փողոցներում թափառում էի, երբ հասա հյուրանոցի մոտ գտնվող աղյուսի պահեստին, հենվեցի պատին նորից մտածելու համար։ Ճիշտ այդ պահին իմ կողքով անցան երկու մարդ՝ թևների տակ մի բան, որ ինձ թվաց գողացված։ Մեկը ծխում էր, իսկ մյուսը կրակ ուզեց։ Հենց իմ կողքին կանգնեցին։ Սիգարեթները լուղավորեցին նրանց դեմքերը, և ես տեսա, որ հաղթանդամը խուլ ու համր իսպանացին էր․ ճանաչեցի ճերմակ մորուքից և աչքի վիրակապից։ Իսկ մյուսը կեղտոտ, գզգզված տեսքով մի սատանա էր։ | ||
+ | |||
+ | ― Սիգարեթների լույսի տակ կարո՞ղ էիր ցնցոտիները տեսնել։ ― Այդ հարցը Հեքին մի րոպե շփոթեցրեց։ Նա հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ճիշտն ասած, չգիտեմ, բայց կարծես այդպես թվաց։ | ||
+ | |||
+ | ― Հետո նրանք գնացին, իսկ դո՞ւ․․․ | ||
+ | |||
+ | ― Նրանց հետևեցի։ Այո, այդպես արեցի։ Ուզեցի իմանալ, թե ինչ էին անելու։ Գողերի պես էին իրենց պահում։ Հետևեցի մինչև այրու ցանկապատը ու մնացի մթան մեջ։ Լսեցի, թե ինչպես ցնցոտիներովը խնդրում էր այրու համար, իսկ իսպանացին երդվում էր, որ այրուն պիտի տգեղացնի, ինչպես ասացի ձեզ, և դուք․․․ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ, խուլ ու համր մա՞րդն ասաց այդ բոլորը։ | ||
+ | |||
+ | Հեքը մի ուրիշ սարսափելի սխալ էր գործել։ Նա աշխատում էր, որ ծերունին ամենափոքր կասկածն անգամ չունենար, թե ո՞վ էր իսպանացին, բայց, ըստ երևույթին, լեզուն նրան փորձանքի մեջ գցեց հակառակ իր կամքի։ Տղան փորձեց այդ դրությունից դուրս գալ, բայց ծերունու հայացքը նրա վրա էր գամված։ Հեքը թույլ տվեց սխալ սխալի ետևից։ Հանկարծ ծերունին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Տղաս, ինձնից մի վախեցիր։ Քո մազի մեկ թելին իսկ չեմ վնասի, եթե ամբողջ աշխարհն էլ ինձ տան։ Ոչ, ես քեզ կպաշտպանեմ, կպաշտպանեմ։ Այդ իսպանացին խուլ ու համր չէ․ արդեն լեզվիցդ թռցրիր և ուղղել չես կարող։ Գաղտնիքն այլևս չես թաքցնի։ Այդ իսպանացու մասին մի բան գիտես, բայց չես ուզում հայտնել։ Վստահիր ինձ, ես քեզ չեմ մատնի։ | ||
+ | |||
+ | Հեքը մի պահ նայեց ծերունու ազնիվ աչքերին, հետո առաջ թեքվեց ու նրա ականջին շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Դա իսպանացի չէ․ դա Հնդկացի Ջոն է։ | ||
+ | |||
+ | Ուելսեցին իր աթոռից համարյա վեր թռավ։ Նա քիչ հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այժմ ամեն ինչ պարզ է։ Երբ դու պատմեցիր ականջները և քիթը կտրելու մասին, կարծեցի, թե դա քո ավելացումն է, որովհետև սպիտակ մարդիկ այդ ձևի վրեժ չեմ լուծում։ Բայց հնդկացին բոլորովին այլ հարց է։ | ||
+ | |||
+ | Նախաճաշի ժամանակ, զրույցը շարունակվեց։ Ծերունին ասաց, որ քնելուց առաջ ինքն ու տղաները լապտերները վերցրին, զննեցին ցանկապատն ու նրա մոտակայքը՝ արյան հետքերի համար։ Հետք չգտան, բայց գտան մի կապոց․․․ | ||
+ | |||
+ | ― Կապոց․․․ | ||
+ | |||
+ | Եթե բառերը կայծակ լինեին, չէին կարող ավելի հանկարծակի պոռթկալ Հեքի սպիտակած շրթներից։ Այժմ նրա աչքերը նայում էին լայն բացված և նրա շնչառությունը դադարեց՝ պատասխանի սպասելով։ Ուելսեցին նույնպես նայում էր նրան երեք վայրկյան, հինգ վայրկյան․․․ տասը․․․ հետո պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Գողի գործիքներով․․․ ի՞նչ, ի՞նչ պատահեց քեզ։ | ||
+ | |||
+ | Հեքը ետ ընկավ աթոռին ու թեթևացած, խորը շունչ քաշեց։ Ուելսեցին լրջորեն ու հետաքրքրված նայում էր տղային։ Հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այո, գողի գործիքներ։ Թվում է, թե դա քեզ բավական հանգստացնում է։ Բայց ինչո՞ւ։ Ի՞նչ էիր սպասում, որ մենք գտնեինք։ | ||
+ | |||
+ | Հեքը նեղն էր ընկել։ Հարցաքննող աչքերը նրան էին ուղղված։ Նա ամեն ինչ կտար մի խելացի պատասխանի համար։ Ոչ մի բան չգտավ։ Հարցաքննող աչքերն ավելի խորը և խորն էին նայում։ Հեքը անմիտ պատասխան գտավ․ ժամանակ չկար կշռադատելու։ Նա արտասանեց թուլորեն․ | ||
+ | |||
+ | ― Կիրակնօրյա դպրոցի դասագրքեր, գուցե։ | ||
+ | |||
+ | Խեղճ Հեքը այնքան ճնշված էր, որ չկարողացավ ժպտալ, բայց ծերունին բարձր և ուրախ ծիծաղեց, որից գլուխը ցնցվեց։ Նա խոսքն ավարտեց, ասելով, թե նման ծիծաղը փող արժե, որովհետև պակասեցնում է բժշկին տալիք փողը։ Հետո ավելացրեց․ | ||
+ | |||
+ | ― Խեղճ տղա, գունատ ես և հոգնած, երևի քեզ բոլորովին էլ լավ չես զգում։ Զարմանալի չէ, որ դու թույլ ես և հավասարակշռությունդ կորցրած։ Բայց ոչինչ, կանցնի։ Հանգստացիր, և քունը քեզ կկազդուրի, հույս ունեմ։ | ||
+ | |||
+ | Հեքը զայրացած էր, որ այդքան հիմար գտնվեց և այդպիսի հուզում ապրեց։ Լսելով այրու ցանկապատի մոտ եղած խոսակցությունը, նա արդեն հրաժարվել էր այն մտքից, որ հյուրանոցից տեղափոխած ծրարը կարող է գանձ լինել։ Նա միայն կասկածում էր, որ դա գանձը չէ, բայց բոլոր դեպքերում, հաստատ չգիտեր։ Դրա համար էլ ծրարը գտնելու փաստն այնքան ցնցող էր, որ տղան չկարողացավ ինքն իրեն տիրապետել։ Բայց ընդհանրապես նա ուրախ էր․ իմացավ, որ ծրարը այն ծրարը չէր, և նրա սիրտն անսահման հանգիստ էր։ Այժմ թվում էր, թե ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում։ Գանձը պետք է երկրորդ համարում լիներ։ Հանցագործները կձերբակալվեին, նույն օրը կբանտարկվեին, և Հեքն ու Թոմը կարող էին տիրանալ, այդ գիշեր իսկ տիրանալ գանձին՝ առանց փորձանքի մեջ ընկնելու կամ վախենալու, թե մեկնումեկը կարող է խանգարել։ | ||
+ | |||
+ | Երբ նախաճաշն ավարտվեց, դուռը բախեցին։ Հեքը վեր թռավ, որ թաքնվելու տեղ գտնի․ չէր ուզում, թեկուզ հեռավոր կապ ունենալ վերջին իրադարձության հետ։ Ուելսեցին ներս հրավիրեց մի քանի տիկինների ու պարոնների։ Դրանց հետ էր նաև այրի Դուգլասը։ Հեքը տեսավ, որ քաղաքացիները խմբերով մագլցում են բլուրն ի վեր, դեպի ցանկապատը։ Ուրեմն լուրը տարածված էր։ | ||
+ | |||
+ | Ուելսեցին հյուրերին պատմեց գիշերվա դեպքը։ Այրու երախտագիտությանը սահման չկար։ | ||
+ | |||
+ | ― Այդ մասին ոչ մի բան մի ասեք տիկին։ Մի ուրիշը կա, որին դուք գուցե ավելի եք պարտական, քան ինձ և իմ տղաներին, բայց նա թույլ չի տալիս իր անունն ասել։ Առանց նրա մենք երբեք ձեր մոտ չէինք գա։ | ||
+ | |||
+ | Անշուշտ այս խոսքերը այնպիսի հետաքրքրություն առաջացրին, որ հիմնական հարցը համարյա մոռացվեց։ Բայց ուելսեցին միայն ավելի հետաքրքրեց իր այցելուներին և նրանց միջոցով ամբողջ քաղաքը, որովհետև հրաժարվեց գաղտնիքը հայտնելուց։ Երբ ամեն ինչ պատմվեց, այրին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես կարդալով քնել էի և ամբողջ այդ աղմուկի ժամանակ քնած էի։ Ինչո՞ւ չեկաք և ինձ չարթնացրիք։ | ||
+ | |||
+ | ― Մտածեցինք, որ չարժե։ Այդ մարդիկ ետ եկողներ չէին։ Նրանց մոտ ոչ մի գործիք չէր մնացել․ ի՞նչ միտք ուներ ձեզ արթնացնելն ու մահացու կերպով վախեցնելը։ Իմ երեք նեգր ծառաները ձեր տունը հսկեցին ամբողջ գիշեր։ Նրանք նոր են վերադարձել։ | ||
+ | |||
+ | Ուրիշ այցելուներ էլ եկան, և հարկ եղավ մի քանի ժամ պատմել ու վերապատմել նույնը։ | ||
+ | |||
+ | Արձակուրդի պատճառով կիրակնօրյա դպրոցը փակ էր, բայց բոլորը կանուխ եկեղեցի էին եկել։ Հուզիչ իրադարձության լուրը տարածվել էր։ Լուրեր եկան, որ սրիկաներից ոչ մեկի հետքը դեռևս չի գտնվել։ Քարոզն ավարտվելուն պես դատավոր Թեչըրի կինը մոտեցավ միսիս Հարպըրին, երբ սա բազմության հետ դուրս էր գալիս և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Իմ Բեքին ամբողջ գիշերը քնե՞լ է։ Երևի սաստիկ հոգնած է։ | ||
+ | |||
+ | ― Ձեր Բեքի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― զարմացած հայացքով ասաց կինը։ ― Անցյալ գիշեր ձեր տանը չմնա՞ց։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | Միսիս Թեչըրը գունատվեց և նստեց մի նստարանի, երբ մորաքույր Պոլին տաք֊տաք խոսելով իր ընկերուհու հետ, անցավ նրանց մոտով։ Մորաքույր Պոլին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Բարի լույս, միսիս Թեչըր, բարի լույս, միսիս Հարպըր։ Իմ տղան նորից անհետացել է։ Կարծում եմ, որ ձեզանից մեկն ու մեկի տանն է մնացել անցյալ գիշեր, իսկ հիմա վախենում է եկեղեցի գալ, իմանալով, որ իր հետ հաշիվ ունեմ մաքրելու։ | ||
+ | |||
+ | Միսիս Թեչըրը թույլ կերպով գլուխն օրորեց և ավելի գունատվեց։ | ||
+ | |||
+ | ― Նա մեր տանը չէր, ― ասաց միսիս Հարպըրը, սկսելով անհանգստանալ։ Ընդգծված անհանգստություն երևաց նաև մորաքույր Պոլիի դեմքին։ | ||
+ | |||
+ | ― Ջո Հարպըր, այս առավոտ, իմ Թոմին տեսե՞լ ես։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, տիկին։ | ||
+ | |||
+ | ― Վերջին անգամ ե՞րբ տեսար նրան։ | ||
+ | |||
+ | Ջոն փորձեց հիշել, բայց վստահ ոչինչ ասել չէր կարող։ Մարդիկ դադարեցին եկեղեցում շարժվել։ Փսփսոցներ անցան, և բոլորին տիրեց աճող անհանգստությունը։ Մտահոգ սկսեցին հարցաքննել երեխաներին և երիտասարդ ուսուցիչներին։ Բոլորն ասացին, որ Թոմին ու Բեքիին չէին նկատել գետանցանավի վրա՝ վերադարձին։ Մութ էր, ոչ ոքի մտքով չէր անցել հարցնել, թե պակաս մարդիկ կա՞ն։ Մի երիտասարդ վախ արտահայտեց, թե նրանք գուցե քարանձավումն են։ Միսիս Թեչըրը ուշաթափվեց։ Մորաքույր Պոլին լաց եղավ՝ ձեռքերը կոտրատելով։ | ||
+ | |||
+ | Սարսափը բերնեբերան անցավ, խմբից խումբ, փողոցից փողոց, և հինգ րոպե չանցած եկեղեցու զանգերն սկսեցին ուժեղ հնչել։ Ամբողջ քաղաքը ոտքի ելավ։ Քարտիֆ բլրի դեպքը անկարևոր դարձավ, գողերը մոռացվեցին, ձիեր թամբվեցին, նավակներ արձակվեցին և գետանցանավի ետևից մարդ ուղարկվեց։ Մինչ սարսափելի լուրը կես ժամվա հնություն իսկ չուներ, երկու հարյուր մարդ գետի վրայով և ճանապարհներով դեպի քարանձավ դիմեց։ | ||
+ | |||
+ | Ամբողջ երկար ետմիջօրեին քաղաքը դատարկ ու մեռած էր։ Բազմաթիվ կանայք այցելեցին մորաքույր Պոլիին, միսիս Թեչըրին և փորձեցին հանգստացնել։ Նրանց հետ լաց եղան, և դա ավելի հանգստացուցիչ էր, քան խոսքերը։ | ||
+ | |||
+ | Ամբողջ այդ ծանր գիշերը քաղաքը լուր էր սպասում, բայց երբ վերջապես լույսը բացվեց, միակ լուրը որ եկավ, այս էր․ «Ավելի մոմեր և ուտելիք ուղարկեք»։ Միսիս Թեչըրը գլուխը կորցրել էր, ինչպես նաև մորաքույր Պոլին։ Դատավոր Թեչըրը քաջալերության և հույսի լուրեր ուղարկեց քարանձավից, բայց դրանք իսկական ուրախություն չպատճառեցին։ | ||
+ | |||
+ | Լուսադեմին տուն վերադարձավ ծեր ուելսեցին՝ ճարպով պատած, կավի մեջ թաթախված և սաստիկ հոգնած։ Ծերունին Հեքին գտավ նրան տրամադրված անկողնում՝ տենդի մեջ տանջվելիս։ Բոլոր բժիշկները քարանձավում էին, այնպես որ այրի Դուգլասը եկավ հիվանդին խնամելու։ Նա ասաց, որ կանի ինչ կարող է․ Հեքը լավ է, թե վատ, կամ սովորական տղա, միևնույն է, աստծուն է պատկանում, իսկ ինչ աստծուն է պատկանում, արհամարելի չէ։ Ուելսեցին ասաց, որ Հեքը լավ հատկություններ ունի, և այրին պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Կարող եք ինձ վստահել։ Նրա վրա աստծո կնիքը կա։ Տերը սրան չի լքի։ Նա երբեք չի լքում։ Իր ստեղծած ամեն արարածի միշտ խնամում է։ | ||
+ | |||
+ | Կեսօրից առաջ մարդիկ հոգնած խմբերով սկսեցին քաղաք վերադառնալ, բայց ովքեր դեռևս ուժասպառ չէին եղել, շարունակեցին որոնումը։ Ստացվող միակ լուրը այն էր, որ քարանձավի ամենահեռավոր մասերը խուզարկվում էին, ուր մինչև այդ մարդ չէր այցելել, որ յուրաքանչյուր անկյուն և միջանցք լրիվ նայվում էր և թե այս կամ այն լաբիրինթոսում կրակներ են վառվում, ճիչեր և կրակոցներ են լսվում, խուլ տարածվում կամարների տակ։ Մի տեղ, ուր սովորաբար տուրիստները չէին հասնում, Բեքիի և Թոմի անուններն էին ծխով գրված գտել և կողքին՝ մոմաճարպի կաթիլներով ծածկված մի ժապավեն։ Միսիս Թեչըրը ճանաչեց ժապավենը և վրան լաց եղավ։ Նա ասաց, որ իր աղջկանից մնացած վերջին հիշատակն է դա և ուրիշ ոչ մի հիշատակ չի կարող այդքան թանկ լինել, որովհետև այս ժապավենը ամենավերջումն էր բաժանվել ապրող մարմնից, սարսափելի մահվանից առաջ։ Ոմանք ասացին, թե քարանձավում, հեռվում, երբեմն լույսի շողեր են երևում և հաղթական բացականչություններով մի խումբ մարդիկ խոյանում էին այդտեղ։ Հաջորդում էր սարսափելի հիասթափությունը․ երեխաները այնտեղ չէին։ Դա պարզապես ուրիշ որոնողի լույսն էր։ | ||
+ | |||
+ | Երեք օր ու գիշեր անցավ։ Ձգվում էին սարսափելի ժամերը։ Քաղաքն ընկավ անհույս ու բութ վիճակի մեջ։ Ոչ ոք որևէ բանի սիրտ չուներ։ Պատահաբար կատարված այն հայտնագործումը, թե ժուժկալների ընկերության հյուրանոց֊ճաշարանի տերը թաքուն խմիչք է վաճառում, ոչ ոքի չհուզեց, թեև փաստը շատ նշանակալից էր։ Տենդից սթափվելով, Հեքը թույլ ձայնով խոսք բացեց հյուրանոցի մասին և ի վերջո հարցրեց, ավելի վատը սպասելով, թե որևէ բան գտե՞լ են ժուժկալների ճաշարանում իր հիվանդության ընթացքում։ | ||
+ | |||
+ | ― Այո, ― ասաց այրին։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ, ի՞նչ են գտել։ | ||
+ | |||
+ | ― Խմիչք։ Հյուրանոցը փակվեց։ Պառկիր տղաս, ինչպե՞ս վախեցրիր ինձ։ | ||
+ | |||
+ | ― Միայն մի բան ասեք ինձ, միայն մի բան, խնդրում եմ։ Թոմ Սոյե՞րն է գտել։ | ||
+ | |||
+ | Այրին արտասվեց։ | ||
+ | |||
+ | ― Լռիր, լռիր տղաս։ Ես քեզ նախապես ասացի, որ դու չպետք է խոսես, դու ծանր հիվանդ ես։ | ||
+ | |||
+ | Ուրեմն՝ բացի խմիչքից, ոչինչ չէր գտնված։ Շատ մեծ աղմուկ կլիներ, եթե ոսկի լիներ։ Ուրեմն՝ գանձն ընդմիշտ կորած էր, ընդմիշտ։ Բայց ինչո՞ւ է այրին լաց լինում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է լաց լինում։ | ||
+ | |||
+ | Այս միտքը պտտվում էր Հեքի գլխում, մինչև տղան հոգնեց ու քնեց։ Այրին ինքն իրեն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա, քնեց խեղճը։ Թոմ Սոյերն է գտել։ Երանի մեկը Թոմ Սոյերին գտներ։ Ահա այժմ շատ քչերն են մնացել, որ բավարար հույս կամ ուժ ունեն որոնումը շարունակելու։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXII== | ||
+ | |||
+ | |||
+ | Այժմ վերադառնանք Թոմին ու Բեքիին, տեսնենք, թե ինչպես անցկացրին պիկնիկը։ Մյուսների հետ նրանք շրջեցին մռայլ միջանցքներում, դիտելով քարանձավի ծանոթ հրաշալիքները, որոնք բավական զարմանալի անուններ ունեին՝ «Հյուրասենյակ», «Տաճար», «Ալադինի պալատ» և այլն։ Ապա սկսեցին պահմտոցի խաղալ, և հետզհետե Թոմն ու Բեքին այնքան տարվեցին, այնքան եռանդով ու ոգևորությամբ խաղացին, մինչև հոգնեցին։ Մոմերը բարձր բռնած, քայլեցին ծուռումուռ միջանցքներով՝ կարդալով պատերին, մոմի ծխով ժայռոտ պատերին գրոտած խառնիխուռն անունները, թվականները, հասցեները և իմաստալից նշանները։ Զրուցելով առաջ գնացին, չնկատելով, որ հասել են մի տեղ, ուր պատերի վրա մակագրություններ չկան։ Նրանք իրենց անունները մոմի ծխով գրեցին պատից կախված մի ժայռի վրա և շարունակեցին առաջ գնալ։ Հասան մի տեղ, ուր մի փոքր վտակ ժայռից դուրս գալով և իր հետ տիղմ բերելով՝ դարերի ընթացքում փայլուն քարից կազմել էր Նիագարայի պես մի բան։ Թոմը խցկվեց ջրվեժի ետևի մի նեղ անցքը, որպեսզի իր մոմով լուսավորի այն և ուրախացնի Բեկիին։ Նա տեսավ, որ ջրվեժը ծածկում է երկու քարե պատերի նեղ ճեղքում խրված մի բնական, դիք սանդուխք։ Հանկարծ նրանց տիրեց գյուտ անելու սնափառությունը և նրանք քարի վրա ծխով նշան անելուց հետո գնացին որոնումներ կատարելու։ Քայլեցին պատահական ճանապարհով, խորացան քարանձավի գաղտնի ուղիներում, մի ուրիշ նշան արեցին, շարունակեցին նորություններ որոնել, որպեսզի պատմեն վերևի աշխարհին։ Մի տեղ գտան ընդարձակ քարայր, որի առաստաղից կախված էին բազմաթիվ փայլուն կավաելուստներ՝ ստալակտիտներ՝ մարդու ոտքի երկարությամբ և հաստությամբ։ Նրանք հիացած ու զարմացած շրջեցին ամբողջ քարայրում և դուրս եկան բազմաթիվ անցքերից մեկով։ Շուտով հասան մի ուրիշ աղբյուրի, որի ավազանը ծածկված էր փայլուն բյուրեղազարդերով։ Դա գտնվում էր մի ուրիշ քարայրում, որի պատերը հենված էին զարմանալի սյուների վրա՝ կազմված ստալակտիտներից ու ստալակմիտներից։ Դա արդյունք էր դարեր շարունակ կաթեթող ջրի։ Քարանձավի կամարի տակ բույն էին դրել և իրար գլխի հավաքվել հազարավոր չղջիկներ։ Մոմերի լույսը անհանգստացրեց նրանց և դրանք հարյուրներով դեսուդեն ընկան զզվելի ծվծվոցներ արձակելով և դեպի մոմերը նետվելով։ Թոմը գիտեր նրանց բնավորությունը և հասկանում էր, թե ինչ վտանգ է սպառնում նրանց այդ վարմունքը։ Նա բռնեց Բեքիի ձեռքը և շտապ քաշեց առաջին իսկ պատահած միջանցքը։ Այդ շարժումն այնքան էլ արագ չստացվեց, և մի չղջիկ կպավ Բեքիի լույսին ու թևով հանգցրեց այն, երբ աղջիկը քարանձավից դուրս էր փախչում։ Չղջիկները բավական երկար հալածեցին երեխաներին, բայց փախստականները մտնում էին հանդիպած յուրաքանչյուր անցքի մեջ։ Նրանք ի վերջո ազատվեցին այդ վտանգավոր արարածներից։ Թոմը գտավ ստորերկրյա մի լիճ, որի աղոտ ուրվագծերը կորչում էին խավարում։ Նա ուզեց հետազոտել նրա ափերը, բայց եզրակացրեց, որ ավելի լավ կլինի նախ նստել և մի փոքր հանգստանալ։ Այդ ժամանակ առաջին անգամ խորունկ լռությունն իր ճնշող թաթը դրեց երեխաների տրամադրության վրա։ Բեքին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այս ի՞նչ բան է, բոլորովին չնկատեցի, բայց հիմա ինձ թվում է, որ երկար ժամանակ է, ինչ մյուսների ձայնը չեմ լսում։ | ||
+ | |||
+ | ― Մտածիր, Բեքի, այժմ մենք նրանցից բավական ներքև ենք և չգիտեմ՝ ինչքան դեպի հյուսիս կամ հարավ, կամ արևելք, կամ ինչ որ է։ Այստեղից նրանց լսել չենք կարող։ | ||
+ | |||
+ | Բեքին անհանգստացավ․ | ||
+ | |||
+ | ― Տեսնես ինչա՞ն ժամանակ է, որ այստեղ ենք, Թոմ։ Ավելի լավ է վերադառնանք։ | ||
+ | |||
+ | ― Այո, կարծում եմ, ավելի լավ կլինի։ | ||
+ | |||
+ | ― Կարո՞ղ ես ճանապարհը գտնել, Թոմ։ Ես ամեն ինչ շփոթել եմ։ | ||
+ | |||
+ | ― Կարծեմ կարող եմ գտնել, բայց չղջիկները եթե մեր երկուսի մոմերն էլ հանգցնեն, սարսափելի բան կլինի։ Արի մի ուրիշ ճանապարհ փորձենք, որպեսզի նրանց մոտով չգնանք։ | ||
+ | |||
+ | ― Լավ, բայց հույս ունեմ, որ չենք կորչի։ Դա սարսափելի կլինի։ ― Եվ սարսռաց այդ ահավոր մտքից։ | ||
+ | |||
+ | Նրանք մի միջանցքով ճանապարհ ընկան և երկար ժամանակ լռության մեջ շարունակեցին քայլել, յուրաքանչյուր պատահող անցքից նայելով, իմանալու, թե արդոք ծանո՞թ է։ Բայց բոլորն էլ անծանոթ էին։ Ամեն անգամ, երբ Թոմը զննում էր, Բեքին նայում էր նրա դեմքին՝ քաջալերող մի նշան որոնելով, իսկ Թոմը ուրախ֊ուրախ ասում էր․ | ||
+ | |||
+ | ― Է՛հ, ոչինչ, սա էլ մեր անցածը չէ, բայց շուտով դրան կհասնենք։ | ||
+ | |||
+ | Յուրաքանչյուր ձախորդությունից հետո տղայի ինքնավստահությունը նվազում էր։ Վերջապես նա սկսեց պտտվել միջանցքներում ենթադրաբար, այն աղոտ հույսով, թե ուր որ է կգտնի իրենց ուզածը։ Նա դեռ շարունակում էր «ոչինչ» ասել, բայց սրտում արդեն այնպիսի ծանրություն կար, որ խոսքերը կորցրին իրենց անհոգ շեշտը և այնպես հնչեցին, կարծես ասելիս լիներ․ «ամեն ինչ կորած է»։ Բեքին վախից կպել էր նրան և դժվարությամբ ու անհաջող փորձում էր արցունքը զսպել։ Ի վերջո աղջիկն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ, Թոմ, չղջիկները ոչինչ, արի այդ կողմով գնանք։ Ինձ թվում է, որ մենք գնալով կորչում ենք։ | ||
+ | |||
+ | Թոմը կանգ առավ։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, ― ասաց նա։ | ||
+ | |||
+ | Նորից լռություն։ Լռությունն այնքան խորն էր, որ նույնիսկ իրենց շնչառությունը վախ էր ազդում։ Թոմը գոռաց։ Գոռոցը արձաքանքելով գնաց կամարների տակ և մարեց հեռվում մեղմ ձայնով, որը նման էր ծաղրող ծիծաղի։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, Թոմ, էլ մի գոռա․ շատ է սարսափելի, ― ասաց Բեքին։ | ||
+ | |||
+ | ― Սարսափելի է, բայց ավելի լավ է, Բեքի։ Նրանք կարող են լսել, գիտե՞ս, ― և նա նորից գոռաց։ | ||
+ | |||
+ | «Կարող են» խոսքը ավելի սարսափեցնող սարսափ էր, քան ծաղրող ծիծաղը։ Դրանով նա խոստովանեց իր մարող հույսը։ Երեխաները անշարժ կանգնեցին և ականջները ձայնի պահեցին, բայց ապարդյուն։ Թոմն արագ ետ դարձավ և քայլերն արագացրեց։ Հազիվ մի քիչ ժամանակ էր անցել, երբ նրա շարժումների մեջ զգացվող անվստահությունը Բեքիին թվաց մի ուրիշ ահավոր սպառնալիք․ նա չէր կարողանում վերադարձի ճանապարհը գտնել։ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ, Թոմ, դու ոչ մի նշան չթողեցիր։ | ||
+ | |||
+ | ― Բեքի, ես այնքան հիմար էի, այնքան հիմար։ Մտքովս չէր անցնում, թե կուզենանք վերադառնալ։ Ո՛չ, ես չեմ կարողանում ճանապարհը գտնել։ Ամեն ինչ իրար է խառնված։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, Թոմ, մենք կորած ենք․ կորած ենք։ Այլևս չենք կարող դուրս գալ այս սարսափելի տեղից։ Օ՜հ, ինչո՞ւ մյուսներից բաժանվեցինք։ | ||
+ | |||
+ | Բեքին փուլ եկավ գետնին և սկսեց այնպես հեկեկալ, որ Թոմին թվաց, թե նա սրտաճաք կլինի կամ կխելագարվի։ Թոմը նստեց կողքին, գրկեց նրան։ Աղջիկը դեմքը հպեց տղայի կրծքին, սեղմվեց նրան, հայտնելով իր սարսափը, անսքող զղջումը։ Հեռվից լսվող արձագանքներն այդ բոլորը վերածեցին հեգնող քրքիջի։ Թոմը խնդրեց նորից հուսալ, իսկ աղջիկը պատասխանեց, որ չի կարող։ Տղան սկսեց իրեն նախատել այս թշվառ վիճակին մատնվելու համար։ Սա ավելի արդյունք ունեցավ։ Աղջիկն ասաց, որ կփորձի նորից հուսալ, վեր կկենա և կհետևի տղային, ուր էլ առաջնորդի, եթե միայն այդպես այլևս չխոսի, որովհետև նա իրենից ավելի մեղավոր չէր։ | ||
+ | |||
+ | Եվ նրանք նորից շարժվեցին, աննպատակ, պարզապես խարխափելով։ Այն ամենը, ինչ նրանք կարող էին անել, շարժվելն էր։ Որոշ ժամանակ հույսը կարծես վերակենդանանալու վրա էր, չնայած որևէ հիմք չկար։ Դե՛, հույսի էությունը վերակենդանանալն է, եթե մարդ երիտասարդ է և ձախորդություններ քիչ է տեսել։ | ||
+ | |||
+ | Մի փոքր անց Թոմը վերցրեց Բեքիի մոմը և հանգցրեց։ Այդ խնայողությունը շատ բան էր նշանակում։ Բառեր պետք չէին։ Բեքին հասկացավ, և նրա հույսը նորից մարեց։ Նա գիտեր, որ Թոմը մի ամբողջական մոմ ուներ, երեք կամ չորսն էլ գրպանում, բայց խնայելը անհրաժեշտ էր համարում։ | ||
+ | |||
+ | Մի փոքր անց հոգնությունը սկսեց իրեն զգացնել տալ։ Երեխաները փորձեցին ուշադրություն չդարձնել, որովհետև սարսափելի էր նստելու մասին մտածելը, երբ ժամանակը այնքան թանկ էր ղարձել։ Շարժվել մի ուղղությամբ, որևէ ուղղությամբ՝ առնվազն առաջընթաց էր և կարող էր արդյունք տալ, իսկ նստել նշանակում էր հրավիրել մահը և նրա ճանապարհը կարճել։ | ||
+ | |||
+ | Ի վերջո Բեքիի թույլ ոտքերը հրաժարվեցին նրան ավելի հեռուն տանել։ Նա նստեց։ Թոմը նստեց կողքին, և երկուսով խոսեցին տան մասին, իրենց ընկերների, հանգստավետ մահճակալների և այդ բոլորից ավելի՝ լույսի մասին։ Բեքին լաց եղավ, և Թոմը փորձեց մխիթարելու ձև գտնել, բայց նրա բոլոր քաջալերանքներն իզուր անցան և ծաղրի պես հնչեցին։ Հոգնածությունն այնքան ճնշեց Բեքիին, որ նա քնեց։ Թոմը երախտապարտ էր դրա համար։ Նա նստեց ու նայեց աղջկա տխուր դեմքին՝ տեսավ, որ այն գնալով ավելի հանգիստ ու բնական արտահայտություն է ստանում լավ երազների ազդեցության տակ։ Շուտով ժպիտ խաղաց այդ դեմքի վրա։ Անվրդով դեմքը ինչ֊որ խաղաղություն էր բուրում, և տղան մտովի գնաց դեպի անցած գնացած օրերն ու երազային հիշողությունները։ Թոմը խորասուզված էր հիշողությունների մեջ, երբ Բեքին արթնացավ ուրախ ծիծաղով, բայց այդ ծիծաղը սառեց շրթների վրա, և ծիծաղին հաջորդեց արտասուքը։ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, ինչպե՞ս կարողացա քնել։ Երանի երբեք չարթնանայի։ Ոչ, ոչ, Թոմ, այդպես մի նայիր, էլ չեմ ասի։ | ||
+ | |||
+ | ― Ուրախ եմ, որ քնեցիր, Բեքի։ Հանգստացար, և մենք դուրս գալու ճանապարհը կգտնենք։ | ||
+ | |||
+ | ― Կարող ենք փորձել, Թոմ, բայց ես երազումս այնպիսի մի գեղեցիկ երկիր տեսա։ Ես վստահ եմ, որ մենք այդտեղ ենք գնում։ | ||
+ | |||
+ | ― Գուցե և ոչ, Բեքի, գուցե և ոչ։ Սրտապնդվիր, որ շարունակենք գնալ։ | ||
+ | |||
+ | Նրանք վեր կացան և քայլեցին ձեռք֊ձեռքի տված ու անհույս։ Փորձեցին հաշվել, թե ինչքան ժամանակ է որ քարանձավում են գտնվում, բայց թվաց, թե օրեր ու շաբաթներ են անցել, թեև պարզ էր, որ դա ճիշտ լինել չէր կարող․ մոմերը դեռևս չէին սպառվել։ | ||
+ | |||
+ | Երկար ժամանակ անցավ, հայտնի չէ, թե ինչքան։ Թոմն ասաց, որ պետք է անձայն քայլել, ականջ դնել հոսող ջրի ձայնին։ Հարկավոր էր մի աղբյուր գտնել։ Շուտով մեկը գտան, և Թոմն ասաց, որ հանգստանալու ժամանակն է։ Երկուսն էկ սոսկալի հոգնած էին, բայց Բեքին ասաց, որ ինքը կարող է մի փոքր էլ գնալ։ Աղջիկը զարմացավ, երբ Թոմը հրաժարվեց։ Նա պատճառը չէր հասկանում։ Նստեցին։ Թոմն իր մոմը կավի օգնությամբ դիմացի պատի վրա ամրացրեց։ Շուտով երկուսն էլ մտածմունքի մեջ ընկան։ Որոշ ժամանակ ոչ մի բառ չարտասանեցին։ Հետո Բեքին խզեց լռությունը․ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ես շատ քաղցած եմ։ | ||
+ | |||
+ | Թոմը գրպանից ինչ֊որ բան հանեց։ | ||
+ | |||
+ | ― Հիշո՞ւմ ես, ասաց նա։ | ||
+ | |||
+ | Բեքին համարյա ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Մեր հարսանեկան գաթան է, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Այո, երանի տակառի չափ մեծ լիներ, որովհետև մեր միակ ունեցածն է։ | ||
+ | |||
+ | ― Պիկնիկի ժամանակ ես այն թաքցրի, Թոմ, որպեսզի մեր բարձի տակ դնենք ու երազենք, ինչպես մեծահասակներն են անում հարսանեկան գաթայի հետ, բայց դա կլինի մեր․․․ | ||
+ | |||
+ | Նա նախադասությունը կիստ թողեց։ Թոմը գաթան կիսեց, և Բեքին մեծ ախորժակով կերավ, մինչև Թոմը հազիվ ձեռք տվեց իր բաժնին։ Նախաճաշն ավարտելու համար առատ ջուր ունեին։ Քիչ հետո Բեքին առաջարկեց առաջ գնալ։ Թոմը մի րոպե լուռ մնաց , հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Բեքի, կարո՞ղ ես դիմանալ, եթե քեզ մի բան ասեմ։ | ||
+ | |||
+ | Բեքիի դեմքը գունատվեց, բայց ասաց, որ կդիմանա։ | ||
+ | |||
+ | ― Լավ ուրեմն, Բեքի, մենք պետք է այստեղ մնանք, ― այստեղ խմելու ջուր կա։ Այս փոքրիկ կտորը մեր վերջին մոմն է։ | ||
+ | |||
+ | Բեքին ազատություն տվեց արցունքներին և հեկեկանքներին։ Թոմն ամեն ինչ արեց նրան հագստացնելու համար, բայց քիչ արդյունքի հասավ։ Ի վերջո Բեքին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Ասա, Բեքի։ | ||
+ | |||
+ | ― Նրանք մեզ չեն գտնի և կգան փնտելու։ | ||
+ | |||
+ | ― Այո, կգան։ Իհարկե, կգան։ | ||
+ | |||
+ | ― Գուցե հիմա մեզ որոնում են, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Այո, գուցե որոնում են։ Հույս ունեմ, որ փնտրում են։ | ||
+ | |||
+ | ― Ե՞րբ կնկատեն նրանք մեր բացակայությունը, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, երբ նավ վերադառնան։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, այդ ժամանակ կարող է մութ լինել։ Կարո՞ղ է նկատեն, որ մենք չենք վերադարձել։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, բայց բոլոր դեպքերում քո մայրը կփնտրի քեզ, անմիջապես, հենց որ տուն հասնեն։ | ||
+ | |||
+ | Բեքիի դեմքի վախեցած արտահայտությունը Թոմին զգաստացրեց, և նա զգաց, որ հիմարություն արեց։ Այդ գիշեր Բեքին տուն չէր գնալու։ Երեխաները լարեցին իրենց լսողությունը և մտածմունքի մեջ ընկան։ Մի պահ հետո Բեքիի վշտի մի ուրիշ արտահայտությունը Թոմին համոզեց, որ նույն բանն է մտածում նաև աղջիկը՝ շաբաթ օրվա առավոտյան ուշ կարթնանան, և միսիս Թեչըրը ուշ կիմանա, որ Բեքին միսիս Հարպըրենց տանը չի եղել։ Երեխաներն իրենց հայացքն ուղղեցին մոմի կտորին։ Նայում էին, թե ինչպես է դա դանդաղ, անգթորեն հալչում, տեսան, որ ի վերջո, կես մատնաչափ է մնացել։ Բոցը բարձրանում էր ու իջնում, բարակ ծուխը վերև էր մագլցում, մի ակնթարթ դանդաղում պատրույգի ծայրին․․․ Հետո տիրեց զարհուրելի խավարը։ | ||
+ | |||
+ | Թե ինչքան ժամանակ Թոմի գրկում լաց լինելուց հետո Բեքին դանդաղորեն գիտակցության եկավ, ոչ ոք չէր կարող ասել։ Նրանց ամբողջ իմացածն այն էր, որ շատ երկար թվացող ժամանակից հետո երկուսն էլ արթնացան քնի մահացու թմբրությունից և մի անգամ էլ մտածեցին իրենց թշվառությունների մասին։ Թոմն ասաց, որ կարող է օրը կիրակի լինել, գուցե երկուշաբթի։ Փորձեց Բեքիին խոսեցնել, բայց աղջկա տառապանքը շատ ճնշող էր, նրա բոլոր հույսերը կորած էին։ Թոմն ասաց, որ իրենց բացակայությունը վաղուց նկատած կլինեն, և անկասկած նրանց որոնումները շարունակվում են։ Պետք է գոռալ։ Գուցե և մեկը գա։ Նա փորձեց, բայց մթության մեջ հեռավոր արձագանքներն այնքան զզվելի հնչեցին, որ այլևս չփորձեց։ | ||
+ | |||
+ | Ժամեր անցան, և քաղցը եկավ նորից տանջելու։ Թոմի կես գաթայի մի մասը մնացել էր․ բաժանեցին և կերան։ Բայց նախկինից ավելի սուր քաղց զգացին։ Այդ փոքրիկ կտորը ավելի սրեց ուտելու ցանկությունը։ | ||
+ | |||
+ | Քիչ հետո Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Շըշ, լսեցի՞ր։ | ||
+ | |||
+ | Երկուսն էլ շունչները պահեցին և ականջ դրին։ Շատ հեռավոր գոռոցի թույլ ձայն լսվեց։ Թոմն անմիջապես պատասխանեց և Բեքիի ձեռքից բռնած առաջնորդելով, միջանցքն ի վար սկսեց գնալ ձայնի ուղղությամբ։ Հետո նորից ականջ դրեց, նորից ձայնը լսվեց և, ըստ երևույթին, մի փոքր ավելի մոտիկից։ | ||
+ | |||
+ | ― Նրանք են, ― ասաց Թոմը, ― նրանք գալիս են։ Այո, Բեքի, մենք փրկված ենք։ | ||
+ | |||
+ | Բանտարկվածների ուրախությունն աննկարագրելի էր։ Նրանք դանդաղ էին առաջ շարժվում, որովհետև ամեն քայլափոխին կարող էր փոս հանդիպել։ Պետք է զգույշ լինեին։ Շուտով մի փոսի հասան և ստիպված եղան սպասել։ Այն կարող էր երեք ոտնաչափ խորություն ունենալ, կարող էր հարյուր ոտնաչափ լինել․ բոլոր դեպքերում պետք չէր այն անցնել։ Թոմը կրծքի վրա պառկեց և ինչքան կարող էր փորձեց հատակին հասնել։ Հատակը չկար։ Պետք է այդտեղ մնային և սպասեին, մինչև որոնողները գային։ Սակայն լսեցին, որ հեռավոր բղավոցները ավելի հեռավոր էին դառնում։ Մի քանի վայրկյան ևս, և դրանք բոլորովին լռեցին։ Ինչ սրտաճմլիկ ձախորդություն։ Թոմն այնքան բղավեց, մինչև ձայնը խզվեց։ Բայց անօգուտ։ Նա Բեքիին հուսադրեց, բայց մտահոգ սպասումի մի դար անցավ և ոչ մի ձայն այլևս չլսվեց։ | ||
+ | |||
+ | Խարխափելով, երեխաները վերադարձան աղբյուրի մոտ։ Ժամանակը շատ դանդաղ էր սահում։ Նորից քնեցին և արթնացան քաղցած ու սարսափահար։ Թոմը կարծում էր, որ օրը պետք է երեքշաբթի լինի։ | ||
+ | |||
+ | Հանկարծ նրա մտքում մի միտք ծագեց։ Մոտիկ տեղում կողմնակի անցքեր կային։ Ավելի լավ էր դրանցից մի քանիսը հետախուզել, քան պարապ նստած կրել անցնող ժամանակի ծանրությունը։ Նա գրպանից հանեց թռուցիկ կպցնելու թելը, կապեց ժայռի մի դուրս ընկած մասից, և երկուսով ճանապարհ ընկան։ Թոմը գնում էր առջևից, թելը քանդելով։ Քսան քայլ հետո միջանցը ավարտվեց մի փոսով։ Թոմը ծնկի եկավ, շոշափեց ներքևը, հետո և շուրջը, ինչքան կարող էր ձեռքով հասնել։ Փորձեց դեպի աջ մի փոքր էլ ձգվել և այդ պահին, հազիվ քսան յարդ հեռվում, ժայռի ետևից երևաց մարդկային մի ձեռք՝ մի մոմ բռնած։ Թոմը հաղթական մի ճիչ արձակեց, իսկ այդ պահին ձեռքին հետևեց մարմինը․․․ Հնդկացի Ջոյի մարմինը։ Թոմը քարացավ․ շարժվել չէր կարող։ Շատ ուրախացավ, երբ հնդկացին հաջորդ րոպեին թիկունքը դարձրեց և անհետացավ։ Թոմը զարմացավ, որ Ջոն չճանաչեց իր ձայնը, չեկավ իրեն սպանելու դատարանում վկայություն տալու համար։ Ըստ երևույթին արձագանքները կեղծել էին ձայնը։ Անկասկած այդպես եղած կլինի, եզրակացրեց նա։ Վախը թուլացրել էր Թոմի բոլոր նյարդերը։ Նա ինքն իրեն ասաց, որ եթե մինչև աղբյուրը վերադառնալու ուժ ունենա, այնտեղ էլ կմնա, այլևս ոչինչ չի կարող նրան գայթակղել այնպես, որ Հնդկացի Ջոյին հանդիպելու վտանգին ենթարկվի։ Զգուշությունից Բեքիին չհայտնեց իր տեսածը։ Նրան ասաց, որ բղավել էր «բախտը փորձելու» համար միայն։ | ||
+ | |||
+ | Բայց ի վերջո քաղցն ու անելանելի դրությունը վախից ավելի զորեղ դուրս եկան։ Աղբյուրի մոտ սպասելուց և քնելուց հետո, նրանց տրամադրությունը փոխվեց։ Երեխաներն արթնացան քաղցից տանջվելով։ Թոմը կարծում էր, որ արդեն չորեքշաբթի կամ հինգշաբթի է, կամ նույնիսկ ուրբաթ կամ շաբաթ, և որոնումը ավարտված կլինի։ Նա առաջարկեց հետախուզել մի ուրիշ միջանցք։ Տղան արդեն պատրաստ էր Հնդկացի Ջոյին հանդիպելու վտանգին և բոլոր մյուս սարսափներին։ Բայց Բեքին շատ թույլ էր։ Նա ընկել էր ծանր հուսահատության մեջ և տեղից բարձրանալ չէր ուզում։ Աղջիկն ասաց, որ այդտեղ էլ կսպասի և շատ չանցած կմահանա։ Նա Թոմին ասեց, որ թելով գնա ու հետախուզի, եթե ցանկանում է, բայց խնդրեց, որ շուտ վերադառնա և հետը խոսի։ Թոմին խոստանալ տվեց, որ երբ սարսափելի ժամը գա, կողքին կնստի և մինչև վերջ ձեռքը կբռնի։ Թոմը համբուրեց նրան ինչ֊որ վատ նախազգացումով և ցույց տվեց, թե իբր թե վստահ է, որ կգտնի որոնողներին կամ քարանձավից դուրս գալու մի ճանապարհ։ Հետո վերցրեց թելը և խարխափելով ու չորեքթաթ գնաց միջանցքով ցած, քաղցից տանջվելով և մոտալուտ վախճանի նախազգացումը սրտում։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXIII== | ||
+ | |||
+ | |||
+ | Հասավ երեքշաբթի օրվա հետմիջօրեն և մխրճվեց աղջամուղջի մեջ։ Սենտ֊Պիտերսբուրգ ավանը շարունակում էր սգալ։ Կորած երեխաները չէին գտնվել։ Նրանց համար ամբողջ համայնքով աղոթեցին, շատերն աղոթեցին նաև իրենց տներում, այդ աղոթքների մեջ դնելով իրենց ամբողջ հոգին։ Բայց, հակառակ դրանց, քարանձավից ուրախ լուրեր չէին ստացվում։ Որոնողների մեծամասնությունը հուսահատվել էր և վերադարձել էր իր առօրյա զբաղմունքին, ասելով, թե երեխաները գտնվել չեն կարող։ Միսիս Թեչըրը ծանր հիվանդ էր և ժամանակի մեծ մասն անց էր կացնում ուշագնաց վիճակում։ Մարդիկ ասում էին, որ տեսնողի սիրտը կտոր֊կտոր է լինում, երբ նա իր երեխային է կանչում, երբ բարձրացնում է գլուխն ու մի ամբողջ րոպե ականջ դնում, հետո էլի հանկարծ ցած դնում բարձի վրա՝ հառաչելով։ Մորաքույր Պոլին ընկել էր մելամաղձության մեջ, նրա մազերը համարյա լրիվ սպիտակել էին։ Երեքշաբթի գիշեր ավանը քուն մտավ տխուր և անհույս։ | ||
+ | |||
+ | Գիշերվա կեսին ավանի զանգերն սկսեցին ուժգին ղողանջել։ Մի վայրկյանում փողոցները լցվեցին կիսահագնված, հուզված մարդկանցով, որոնք բղավում էին․ «Վեր կացեք, դուրս եկեք, գտնվեցին, գտնվեցին»։ Զանգերին ավելացավ թիթեղների աղմուկն ու փողհարությունը։ Բազմությունը շարժվեց դեպի գետն ու հանղիպեց վերադարձող երեխաներին, որոնց մի բաց կառքի մեջ աղմկելով բերում էին քաղաքացիները։ Նրանք միացան դիմավորողներին, ճանապարհ ընկան դեպի քաղաք և հանդիսավոր թափորով, անընդհատ «ուռռա» կանչելով անցան փողոցներով։ | ||
+ | |||
+ | Ավանը լուսավորվեց։ Ոչ ոք նորից քնելու չգնաց։ Այդ փոքր քաղաքի տեսած ամենամեծ գիշերն էր դա։ Առաջին կես ժամվա ընթացքում քաղաքի բնակիչները գնացին դատավոր Թեչըրի տունը, համբուրեցին փրկված երեխաներին, սեղմեցին միսիս Թեչըրի ձեռքը։ Փորձում էին խոսել, բայց չէին կարողանում և դուրս էին գալիս արցունք թափելով։ | ||
+ | |||
+ | Մորաքույր Պոլիի երջանկությունը գագաթնակետին էր հասել։ Համարյա նույն վիճակումն էր նաև միսիս Թեչըրը։ Նրա ուրախությունը ամբողջական կլիներ, եթե մեծ լուրն ուղարկվեր քարանձավ՝ ամուսնուն։ | ||
+ | |||
+ | Թոմը պառկել էր բազմոցին՝ շրջապատված ագահորեն լսող ունկնդիրներով։ Նա պատմեց զարմանալի արկածի պատմությունը, մտածացին մանրամասնություններ ավելացնելով՝ այն գեղեցկացնելու համար։ Վերջում պատմեց, թե ինչպես նա թողեց Բեքիին և գնաց հետախուզության, թե ինչպես անցավ երկու միջանց, ինչքան որ թելը կարող էր հասնել, թե ինչպես գնաց մի երրորդով՝ ամբողջ թելի երկարությամբ և ետ դառնալու վրա էր, երբ հանկարծ շատ հեռավոր մի շող նկատեց, որ նման էր ցերեկային լույսի, թե ինչպես թելը թողեց և շտապեց դեպի այն, ինչպես գլուխն ու ուսերը դուրս հանեց մի փոքր անցքից և տեսավ լայն Միսիսիպին հոսելիս։ | ||
+ | |||
+ | Եվ եթե այդ բոլորը պատահեր գիշերը, նա չէր տեսնի ցերեկվա լույսի շողը և այդ անցքը ավելի չէր հետախուզի։ Պատմեց, թե ինչպես վերադարձավ Բեքիի մոտ՝ ուրախ լուրը տալու, և թե ինչպես աղջիկն ասաց, որ այդպիսի բաներով ավելի չտանջի իրեն, որովհետև հոգնած է և գիտե, որ մահանալու է և ուզում է մահանալ։ Թոմը նկարագրեց, թե ինչպես համոզեց նրան, և թե ինչպես Բեքին ուրախությունից քիչ մնաց մեռներ, երբ հասավ այն տեղը և տեսավ ցերեկվա լույսի կապույտ շողը, թե ինչպես ինքը դուրս եկավ և հետո օգնեց Բեքիին, որ դուրս գա, ինչպես նստեցին այդտեղ և ուրախությունից լաց եղան, թե ինչպես մարդկանցով լեցուն մի նավակ էր անցնում, և թե Թոմը ձայն տվեց նրանց ու պատմեց իրենց վիճակը, ասաց, որ քաղցից մահանում են, ինչպես այդ մարդիկ սկզբում չհավատացին այդ զարմանալի պատմությանը, որովհետև նրանք ասացին․ «դուք քարանձավի անցքից հինգ մղոն ներքևում եք», հետո նավակ վերցրին նրանց, մի տուն տարան, ընթրիք տվեցին, երկու թե երեք ժամ հանգստացրին և հետո բերեցին։ | ||
+ | |||
+ | Լուսաբացից առաջ դատավոր Թեչըրին և նրանց հետ մնացած մի քանի մարդկանց քարանձավից հանեցին այն թոկերի օգնությամբ, որոնցով կապված էին նրանք և հայտնեցին ուրախալի նորությունը։ | ||
+ | |||
+ | Քարանձավում անցկացրած երեք օրվա չարչարանքն ու քաղծածությունը միանգամից չանցան։ Այդ շուտով զգացին Թոմն ու Բեքին։ Ամբողջ չորեքշաբթին ու հինգշաբթին նրանք մնացին անկողնում և գնալով իրենք իրենց ավելի հոգնած ու ավելի հյուծված էին զգում։ Թոմը մի փոքր ոտքի կանգնեց հինգշաբթի օրը, ուրբաթ օրը քաղաք դուրս եկավ և միայն շաբաթ օրը նախկինի պես իրեն լավ զգաց։ Բայց Բեքին մինջև շաբաթ օրը սենյակից դուրս չեկավ․ նա նման էր ծանր հիվանդություն անցկացրած մարդու։ | ||
+ | |||
+ | Թոմն իմացավ Հեքի հիվանդության մասին և ուրբաթ օրը գնաց ընկերոջը տեսնելու, բայց չթողեցին հիվանդի մոտ։ Նրան դա չհաջողվեց նաև շաբաթ և կիրակի օրերը։ Հետո ամեն օր թույլ տվեցին, բայց զգուշացրին, որ իր արկածի մասին չպատմի և հուզող բաներից չխոսի։ Այրի Դուգլասը նստում էր նրանց կողքին և հսկում։ Տանը Թոմը լսեց Քարտիֆ բլրի դեպքի մասին, ինչպես նաև այն, որ ցնցոտիներով մարդու մարմինը գտնվել էր նավահանգստի մոտ։ Հավանաբար փախուստի ժամանակ խեղդվել էր։ | ||
+ | |||
+ | Քարանձավից ազատվելուց երկու շաբաթ հետո Թոմը նորից գնաց Հեքին այցելելու, որը մինչ այդ լավ կազդուրվել էր և կարող էր զրուցել ու իրեն հետաքրքրող որոշ բաներ լսել։ Դատավոր Թեչըրի տունը Թոմի ճանապարհի վրա էր և նա կանգ առավ Բեքիին տեսնելու։ Դատավորն ու նրա ընկերները սկսեցին Թոմին խոսեցնել, և մեկը կատակով հարցրեց, թե չի՞ ուզում նորից քարանձավ գնալ։ Թոմը պատասխանեց, թե ուզում է, և թե իր համար ոչ մի նշանակություն չունի։ | ||
+ | |||
+ | Դատավորն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Քեզ նման ուրիշներն էլ կան, Թոմ, չեմ կասկածում։ Բայց մենք այդ մասին մտածել ենք։ Այլևս ոչ ոք այդ քարանձավում չի կորչի։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև մեծ դուռը երկաթով փակել եմ տվել երկու շաբաթ առաջ և երեք փակով փակել։ Բանալիներն էլ ինձ մոտ են։ | ||
+ | |||
+ | Թոմը սավանի նման սպիտակեց։ | ||
+ | |||
+ | ― Քեղ ի՞նչ պատահեց, տղա։ Է՜յ, այստեղ եկեք, մի բաժակ ջուր տվեք։ ― Ջուրը բերեցին և Թոմի երեսին ցանեցին։ | ||
+ | |||
+ | ― Ահա՜, հիմա լավ ես։ Քեզ ի՞նչ պատահեց, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, պարոն դատավոր, Հնդկացի Ջոն քարանձավի մեջն է։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXIV== | ||
+ | |||
+ | |||
+ | Հինգ րոպեի ընթացքում լուրը տարածվեց, և մարդկանցով լեցուն տասնյակ նավակներ ճանապարհ ընկան դեպի Մակ֊Դուգալի քարանձավը։ Գետանցանավը, ուղևորներով լեցուն, շուտով հետևեց դրանց։ Թոմ Սոյերը դատավոր Թեչըրին տանող նավակի մեջ էր։ Երբ քարանձավի դուռը բացվեց, կիսախավարում տեսան մի վշտալի պատկեր․ Հնդկացի Ջոն փռված էր գետնին, մեռած, դեմքը դռան ճեղքին կպցրած, կարծես ագահ հայացքը մինչև վերջին պահը հառած լիներ դրսի լույսին և ազատ աշխարհի ուրախությանը։ Թոմը զգացվեց, որովհետև փորձով գիտեր, թե ինչքան է տանջվել այդ թշվառը։ Նա խղճաց, բայց միևնույն ժամանակ զգաց ապահովություն ու թեթևություն և միայն այժմ հասկացավ, թե ինչ ծանրություն և մշտական վախ էր նստել սրտի վրա այն օրվանից, երբ ձայնը բարձրացրել էր այս այրունարբու չարագործի դեմ։ | ||
+ | |||
+ | Հնդկացի Ջոյի կեռ դանակն ընկած էր կողքին, երկու կտոր եղած։ Նա դռան ետևի տախտակը տաշել էր երկար, բայց ապարդյուն, որովհետև դրսից անցքը փակում էր բնական ժայռը, որի վրա դանակը ոչ մի ազդեցություն գործել չէր կարող։ Միակ վնասը դանակին էր հասել։ Եթե նույնիսկ քարը չխանգարեր, այդ աշխատանքը դարձյալ ապարդյուն էր լինելու, որովհետև ամբողջ տախտակի կտրվելու դեպքում իսկ Հնդկացի Ջոն իր մարմինը չէր կարողանա դռան տակով անցկացնել, և նա այդ գիտեր։ Նա այղ փայտը կտրել էր պարզապես որևէ բան անելու, ձանձրալի, մաշող ժամանակը սպանելու, իր կարողությունները որևէ կերպ գործադրելու համար։ Սովորաբար, քարանձավի առաջին նախասենյակի ճեղքերում մոմի բազմաթիվ կտորներ էին լինում տուրիստների կողմից թողնված, այժմ դրանցից ոչ մեկը չկար։ Բանտարկյալը փնտրել և կերել էր դրանք։ Նա փորձել էր նաև մի քանի չղջիկ բռնել։ Դրանք էլ կերել էր, թողնելով միայն ոսկորները։ Թշվառը սովամահ էր եղել։ Մոտակա մի վայրում դարերի ընթացքում դանդաղորեն գոյանում էր մի ստալակմիտ, գոյանում էր վերևի ստալակտիտից կաթող ջրերրից։ Բանտարկյալը ստալակմիտը ջարդել էր և վրան տեղավորել մի քար, դրա կենտրոնում մի փոքր փոս էր գոյացել, հավաքելու համար թանկագին կաթիլը, որ ժամացույցի կանոնավորությամբ քսան րոպեն մեկ կաթում էր, քսանչորս ժամում կազմելով շատ փոքր քանակություն։ Այդ կաթիլը կաթում էր, երբ բուրգերը նոր էին, երբ Տրոյան ընկավ, երբ Հռոմի հիմքերը դրվեցին, երբ Քրիստոսը խաչվեց, երբ Ուիլյամ աշխարհակալը ստեղծում էր Քրիստոնեական կայսրությունը, երբ Կոլոմբոսը ճանապարհ էր ընկնում, երբ Լեքսինգտոնի մոտի ճակատամարտի լուրերը «նորություն» էին։ Այն կաթում է այժմ, այն պիտի շարունակի կաթել, երբ բոլոր այս բաները պիտի է խորասուզվեն պատմության և տրադիցիայի խորքերում, կուլ գնան մոռացության խավար գիշերվա մեջ։ Մի՞թե ամեն ինչ նպատակ և միսիա ունի։ Արդյո՞ք այս կաթիլը հինգ հազար տարի շարունակվեց կաթել, որպեսզի բավարարի այս մարդկային արարածի կարիքները և արդո՞ք կատարելու մի ուրիշ նպատակ ունի տասը հազար տարի հետո։ Ինչևէ։ Այդ օրվանից անցել են բազմաթիվ տարիներ, երբ դժբախտ խառնածինը ջարդեց քարի ծայրը՝ պահելու համար անգին կաթիլը, բայց մինչև այսօր տուրիստները ամենից երկար դիտում են այդ սրտառուչ քարը և դանդաղ կաթող ջուրը, երբ գալիս են Մակ֊Դուգալի քարանձավի հրաշքները դիտելու։ Հնդկացի Ջոյի բաժակը քարանձավի հրաշալիքների մեջ առաջիններից է։ Նույնիսկ «Ալադինի պալատը» չի կարող մրցել դրա հետ։ | ||
+ | |||
+ | Հնդկացի Ջոն թաղվեց քարանձավի մուտքի մոտ։ Նավակներով ու սայլերով յոթ մղոն շրջապատից, քաղաքից, բոլոր ֆերմաներից և բնակավայրերից մարդիկ խուժեցին այդտեղ։ Նրանք բերում էին իրենց երեխաներին, ամեն տեսակի ուտելիքներ և խոստովանում էին, որ նույնքան լավ ժամանակ անցկացրին թաղման ժամանակ, ինչքան լավ ժամանակ կարող էին անցկացնել կախաղանի ժամանակ։ | ||
+ | |||
+ | Թաղումը կանխեց մի գործի հետագա ծավալումը․ կառավարիչին ուղարկվեցին խնդրագրեր՝ Հնդկացի Ջոյին ներելու մասին։ Դիմումը շատերն էին ստորագրել։ Բազմաթիվ արցունքոտ և բուռն միտինգներ տեղի ունեցան։ Երիտասարդ կանանց կոմիտեն որոշեց խորունկ վշտով ու սև հագած գնալ կառավարչի մոտ, խնդրել, որ նա ներողամիտ լինի և իր պարտականությունը ոտնատակ տա։ Ենթադրում էին, որ Հնդկացի Ջոն ավանից հինգ հոգի է սպանել, բայց ի՞նչ արած։ Եթե նույնիսկ դա սատանան ինքը լիներ, կգտնվեին բազմաթիվ թուլակամներ, որոնք կստորագրեին ներման դիմումի տակ և արցունքն աչքերին կգնային կառավարչի սիրտը մեղմելու։ | ||
+ | |||
+ | Թաղման հաջորդ առավոտյան Թոմը Հեքին տարավ առանձին մի տեղ՝ հետը կարևոր զրույց ունենալու։ Մինչ այդ Հեքը ուելսեցուց և այրի Դուգլասից ամեն ինչ իմացել էր Թոմի արկածի մասին, բայց Թոմն ասաց, որ կա մի բան, ինչի մասին լռել է։ Հենց այդ մասին էլ ուզում էր այժմ խոսել։ Հեքի դեմքը տխրեց։ Նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ, թե դա ինչ է։ Դու երկրորդ համարը գնացիր, բայց վիսկիից բացի, ոչ մի բան չգտար։ Ոչ ոք ինձ չասաց, թե դու էիր, բայց ես պարզապես գլխի ընկա, որ դու պետք է եղած լինես, երբ լսեցի վիսկիի այդ գործի մասին։ Իմացա նաև, որ փողը չես գտել, որովհետև ինչ֊որ ձևով ինձ կգտնեիր և կպատմեիր, թեկուզ ոչ ոքի ոչինչ չէիր ասում։ Թոմ, ես միշտ զգացել եմ, որ մենք երբեք չէինք կարողանալու այդ բանի տերը դառնալ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ, Հեք, ես այդ հյուրանոցի տիրոջ մասին երբեք չեմ խոսել։ Չե՞ս հիշում, որ նրա հյուրանոցը լավ վիճակումն էր այն շաբաթ օրը, երբ ես պիկնիկի գնացի։ Չե՞ս հիշում, որ դու պետք է այդ գիշեր հսկեիր։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ, այո, ինձ թվում է, թե մի տարի է անցել։ Դա հենց նույն գիշերն էր, որ ես հետևեցի Հնդկացի Ջոյին մինչև այրու տունը։ | ||
+ | |||
+ | ― Հետևեցի՞ր։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց այդ մասին լռիր։ Ես կարծում եմ, որ Հնդկացի Ջոն իր ետևում թողած ընկերներ ունի։ Չեմ ուզում, որ նրանք ինձ նեղություն պատճառեն։ Եթե ես չլինեի, նա այժմ ողջ֊առողջ Տեքսասում կլիներ։ | ||
+ | |||
+ | Հետո Հեքը իր ամբողջ արկածը գաղտնի պատմեց Թոմին, որը ուելսեցուց դրա մի մասն էր միայն լսել։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ― ասաց Հեքը նորից վերադառնալով գլխավոր խնդրին, ― ես կարծում եմ, որ համար երկուսի վիսկին գտնողը գտավ նաև փողը։ Բոլոր դեպքերում այն մեզ համար կորած է, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Հեք, այդ փողը երբեք երկրորդ համարում չի եղել։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ, ― Հեքը լրջությամբ զննեց ընկերոջ դեմքը։ ― Թոմ, նորից գտե՞լ ես այդ փողի հետքը։ | ||
+ | |||
+ | ― Հեք, փողը քարանձավումն է։ | ||
+ | |||
+ | Հեքի աչքերը փայլեցին։ | ||
+ | |||
+ | ― Կրկնիր, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Փողը քարանձավումն է։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, այժմ երդվիր, ասա «հնդկացու ազնիվ խոսք»։ Կատակո՞ւմ ես, թե լուրջ ես ասում։ | ||
+ | |||
+ | ― Լուրջ, Հեք, լուրջ, ինչքան կյանքումս երբեք չեմ եղել։ Կգա՞ս ինձ հետ և կօգնե՞ս փողը գտնելու։ | ||
+ | |||
+ | ― Անշուշր կգամ, կգամ, եթե կարողանանք մտնել և չկորչել։ | ||
+ | |||
+ | ― Հեք, մենք այդ կարող ենք անել առանց ամենափոքր իսկ վտանգի։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ։ Ինչի՞ց ես ենթադրում, որ փողը․․․ | ||
+ | |||
+ | ― Հեք, դու պարզապես սպասիր, մինչև այդտեղ հասնենք։ Եթե չգտնենք, ես համաձայն եմ քեզ տալ իմ թմբուկը և ամեն ինչ, որ աշխարհում ունեմ։ Կտամ, երդվում եմ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ, համաձայնեցինք։ Ե՞րբ ենք գնալու։ | ||
+ | |||
+ | ― Հենց հիմա, եթե կուզես։ Քեզ բավական ուժե՞ղ ես զգում։ | ||
+ | |||
+ | ― Քարանձավը հեռու է։ Մի քանի օր է, որ ոտքի եմ կանգնել և մի մղոնից ավելի քայլել չեմ կարող։ Թոմ, ինձ այդպես է թվում։ | ||
+ | |||
+ | ― Այստեղից այնտեղ ճանապարհը հինգ մղոն է ուրիշների համար, բացի ինձնից։ Հեք։ Մի կարճ ճանապարհ կա, որ բացի ինձնից ուրիշ ոչ ոք չգիտե։ Հեք, ես քեզ ուղիղ այդտեղ նավակով կտանեմ։ Մինչև այդտեղ և վերադարձին ես կթիավարեմ։ Դու նույնիսկ գլուխդ շուռ մի տուր։ | ||
+ | |||
+ | ― Հենց հիմա, անմիջապես ճանապարհ ընկնենք, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ։ Մեզ հարկավոր է մի քիչ հաց, միս, մեր ծխամորճները, մեկ կամ երկու փոքր տոպրակ, մեկ կամ երկու թռուցիկի թել և ապա այդ նոր հնարած բանից, որ լուցկի են կոչում։ Երբ այնտեղ էի, այնպես էի ուզում դրանցից ունենալ։ | ||
+ | |||
+ | Կեսօրից քիչ անց տղաները մի բացակայող քաղաքացուց վերադարձնելու պայմանով վերցրին նավակը և անմիջապես ճանապարհ ընկան։ Երբ «քարանձավի անցքից» մի քանի մղոն ներքև էին, Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞մ ես այս թեքությունը, քարանձավից մինչև այստեղ հավասար և միատեսակ է երևում, ոչ տներ, ոչ ծառեր, միատեսակ թփեր։ Բայց տեսնո՞ւմ ես, այնտեղ, որտեղ հողը փուլ է եկել, մի սպիտակ տեղ։ Դա իմ նշաններից մեկն է։ Այժմ ցամաք պիտի իջնենք։ | ||
+ | |||
+ | Նրանք ափ դուրս եկան։ | ||
+ | |||
+ | ― Այժմ, Հեք, քո կանգնած տեղից կարո՞ղ ես գտնել այն անցքը, որտեղից ես դուրս եկա։ Փորձիր, կարո՞ղ ես գտնել։ | ||
+ | |||
+ | Հեքը փորձեց, ոչինչ չգտավ։ Թոմը հպարտությամբ մտավ խիտ թփերի մեջ և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա, նայիր դրան, Հեք։ Սա ամենաապահով անցքն է ամբողջ այս երկրում։ Դու այդ մասին ոչ ոքի մի ասա։ Ես միշտ ուզել եմ ավազակ դառնալ և այսպիսի մի տեղի կարիքն եմ զգացել, բայց չեմ կարողացել գտնել։ Այժմ մենք դա ունենք և այդ մասին պիտի լռենք։ Այնտեղ կթողնենք միայն Ջո Հարպըրին և Բեն Ռոջերսին, որովհետև պետք է ավազակախումբ ունենալ, թե չէ ինչի՞ նման կլինի։ Թոմ Սոյերի ավազակախո՜ւմբը։ Հրաշալի է հնչում, չէ՞, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Այո, Թոմ, հրաշալի է։ Եվ ո՞ւմ պիտի թալանենք։ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ, համարյա բոլորին։ Ունևոր մարդկանց։ Ընդհանրապես ձևը այդպես է։ | ||
+ | |||
+ | ― Եվ սպանե՞նք նրանց։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչ միշտ։ Կպահենք քարանձավում, մինչև փրկագինը չվճարեն։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ բան է փրկագինը։ | ||
+ | |||
+ | ― Փող։ Կստիպենք նրանց, որ ինչքան կարող են հավաքեն իրենց բարեկամներից․ եթե չտան, մի տարի պահելուց հետո կսպանենք։ Ընդհանուր ձևն այդ է։ Այո, կանանց չենք սպանի։ Կբանտարկենք, բայց չենք սպանի։ Նրանք միշտ գեղեցիկ են լինում, հարուստ և սարսափելի վախեցած։ Կվերցնենք ժամացույցները և մյուս զարդերը, բայց միշտ նրանց առաջ գլխարկներս կհանենք ու քաղաքավարի կլինենք։ Գողերից ավելի քաղաքավարի մարդիկ չկան։ Կարող ես որևէ գրքում կարդալ։ Հետո կանայք կսիրեն մեզ և քարանձավում մեկ կամ երկու շաբաթ մնալով, կդադարեն լաց լինելուց, և դրանից հետո, ստիպես էլ, չեն հեռանա։ Եթե դուրս էլ վռնդես, կվերադառնան։ Այդպես է գրված բոլոր գրքերում։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես հրաշալի բան է, Թոմ։ Իմ կարծիքով դա ծովահեն լինելուց լավ է։ | ||
+ | |||
+ | ― Այո, որոշ իմաստով լավ է, որովհետև մոտ է տանը, կրկեսին և առհասարակ ուրիշ բաների։ | ||
+ | |||
+ | Մինչ այդ ամեն ինչ պատրաստ էր, և տղաները՝ Թոմի առաջնորդությամբ, անցքից ներս մտան։ Հասան միջանցքի ծայրը, ամրացրին իրենց թելի կծիկները և առաջ շարժվեցին։ Մի քանի քայլ գնալուց հետո հասան աղբյուրին, և Թոմն ամբողջ մարմնով սարսռաց։ Նա Հեքին ցույց տվեց կրով պատին ամրացված մոմի մնացորդը և նկարագրեց, թե ինչպես ինքն ու Բեքին դիտել էին բոցի պայքարն ու հանգչելը։ | ||
+ | |||
+ | Տղաները սկսեցին շշնջալ, որովհետև այդ տեղի լռությունն ու խավարը ճնշում էին նրանց։ Շարունակեցին ճանապարհը, շուտով մտան Թոմի մյուս միջանցքը և հասան «թռչելու տեղին»։ Մոմերի լույսով պարզեցին, որ դա իրականում ոչ թե անդունդ էր, այլ քսանհինգ֊երեսուն քայլ բարձրությամբ կավե գահավեժ վայրէջք։ Թոմը շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Այժմ քեզ մի բան եմ ցույց տալու, Հեք։ | ||
+ | |||
+ | Նա իր մոմը բարձրացրեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նայիր անկյունից այն կողմ, ինչքան կարող ես։ Տեսնո՞ւմ ես։ Վերևի մեծ ժայռի վրա մոմի ծխով է արված։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, խաչ է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այժմ ո՞րն է երկրորդ համարը «խաչի տակ», հը՞։ Ճիշտ այդտեղ տեսա Հնդկացի Ջոյին՝ մոմը ձեռքին, Հեք։ | ||
+ | |||
+ | Հեքը որոշ ժամանակ նայեց խորհրդավոր նշանին և հետո դողացող ձայնով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թոմ, հեռանանք այստեղից։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ, գանձը թողնե՞նք։ | ||
+ | |||
+ | ― Այո, թողնենք։ Հնդկացի Ջոյի ուրվականը շրջակայքում է, վստահ եմ։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, այդպես չէ, Հեք, այդպես չէ։ Նա այնտեղ է լինում, որտեղ մահացել է, քարանձավի մուտքի մոտ, հեռվում, այստեղից հինգ մղոն հեռու։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, Թոմ, նա կթափառի փողի մոտ։ Ես գիտեմ, թե ինչպիսիք են ուրվականները, դու ինքդ էլ գիտես։ | ||
+ | |||
+ | Թոմն սկսեց վախենալ, որ Հեքը իրավացի է։ Երկմտանք տիրեց։ Բայց հանկարծ մի միտք ծագեց Թոմի գլխում։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Հեք, հիմարների պես ենք վարվում։ Հնդկացի Ջոյի ուրվականը չի կարող խաչ եղած տեղի շրջակայքում լինել։ | ||
+ | |||
+ | Լավ էր գտնված։ Դա իր ազդեցությունը գործեց։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ես այդ մասին չէի մտածել։ Բայց ճիշտ ես։ Բախտավոր ենք, որ խաչը կա։ Կարծում եմ, որ պետք է ցած իջնենք և սնդուկը փնտրենք։ | ||
+ | |||
+ | Առաջինը Թոմն իջավ և իջնելիս ոտնատեղերով աստիճաններ շինեց կավի մեջ։ Հեքը հետևեց։ Փոքր քարանձավից չորս անցքեր էին բացվում և այդտեղ մի ժայռ էր տնկված։ Տղաները ապարդյուն հետախուզեցին դրանցից երեքը։ Ժայռի հիմքի մոտ եղածի մեջ տղաները գտան մի փոքր նշան․ այդտեղ վերմակներ էին փռված, մի հին կաթսա էր կախված, խոզապուխտի կաշի էր ընկած և երկու կամ երեք հավի լավ կրծած կմախք։ Բայց փողի սնդուկը չկար։ Տղաները այդտեղ որոնեցին նորից ու նորից, բայց ապարդյուն։ Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նա ասաց խաչի տակ։ Լավ, սա մոտավորապես ժայռի տակն է։ Չի կարող ժայռի տակ լինել, որովհետև ժայռն ամուր նստած է գետնին։ | ||
+ | |||
+ | Նրանք մի անգամ էլ ամեն տեղ փնտրեցին և հետո հուսահատված նստեցին։ Հեքը մի հնար գտնել չէր կարողանում։ Քիչ հետո Թոմն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այստեղ նայիր, Հեք, ոտնահետքեր և կավի վրա մոմի կաթիլներ են երևում այս ժայռի մի կողմում, բայց ոչ մյուս կողմում։ Դա ինչի՞ համար է։ Գրազ կգամ, որ փողը ժայռի տակն է։ Կավը փորելու եմ։ | ||
+ | |||
+ | ― Դա վատ նշան չէ, Թոմ, ― ասաց Հեքն աշխուժանալով։ | ||
+ | |||
+ | Թոմը «Սոտլո» մարկայի դանակը հանեց և չորս մատնաչափ չէր փորել, երբ տախտակի կպավ։ | ||
+ | |||
+ | ― Հեք, հե՜յ, լսո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | Հեքն սկսեց ինքն էլ մատներով փորել։ Շուտով մի քանի տախտակի հանդիպեցին։ Դրանք ծածկում էին մի բնական անցք, որ ժայռի տակն էր գնում։ Թոմը գլուխը մտցրեց և մոմը երկարեց ինչքան կարող էր ու ասաց, որ չի կարողանում մինչև ծայրը տեսնել։ Նա առաջարկեց հետախուզել։ Կուչ եկավ և առաջ շարժվեց։ Նեղ անցքը դանդաղ իջնում էր։ Նա գնաց նախ դեպի աջ, հետո՝ ձախ․ Հեքը կրնկակոխ հետևում էր։ Թոմը մի կարճ անկյունից թեքվեց և շուտով բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ, Հեք, այստեղ նայիր։ | ||
+ | |||
+ | Դա անկասկած գանձի սնդուկն էր, որ զբաղեցնում էր այդ փոքր քարանձավը։ Կողքին կային վառոդի մի դատարկ արկղ, կաշվե պատյանների մեջ դրած երկու հրացան, երկու կամ երեք զույգ հին մոկասին, մի կաշվե գոտի և այլ անպետք իրեր, որոնք լավ թրջվել էին կաթող ջրից։ | ||
+ | |||
+ | ― Վերջապես գտանք, ― ասաց Հեքը ձեռքով խառնելով խունացած փողերը, ― Թոմ, մենք հարուստ ենք։ | ||
+ | |||
+ | ― Հեք, ես միշտ հավատում էի, որ կգտնենք։ Հավատալը շատ լավ է, իսկ այժմ ունենք։ Լսիր, այլևս այստեղ ժամանակ չկորցնենք, արի դուրս հանենք։ Փորձեմ, տեսնեմ, կարո՞ղ եմ սնդուկը բարձրացնել։ | ||
+ | |||
+ | Սնդուկը մոտ հիսուն ֆունտ ծանրություն ուներ։ Թոմը կարող էր դժվարությամբ բարձրացնել, բայց տանել չէր կարող։ | ||
+ | |||
+ | ― Ես այդպես էլ կարծում էի, ― ասաց նա։ ― Այդ օրը ուրվականների տնից նրանք այնպես էին տանում, որ զգացվում էր ծանրությունը։ Ես դա նկատեցի։ Լավ արեցի, որ փողի տոպրակներ բերի։ | ||
+ | |||
+ | Շուտով փողը տոպրակների մեջ էր, և տղաները դրանք դուրս բերին խաչավոր ժայռի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Այժմ հրացանները և մյուս իրերը բերենք, ― ասաց Հեքը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, Հեք, դրանք թող այդտեղ։ Դրանք հենց այն բաներն են, որ պետք պիտի ունենանք, երբ ավազակություն սկսենք։ Մենք դրանք այդտեղ կպահենք․ այնտեղ կպահենք նաև մեր օրգիաները։ Օրգիաների համար հրաշալի, հարմար տեղ է։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ բան են օրգիաները։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Բայց գողերը միշտ օրգիաներ են ունենում և անշուշտ մենք ևս պետք է ունենանք։ Հեք, այստեղ շատ երկար մնացինք։ Ես կարծում եմ, որ արդեն ուշ է։ Նաև սոված եմ։ Մենք կուտենք և կխմենք նավակում։ | ||
+ | |||
+ | Տղաները շուտով մացառուտներից դուրս եկան, զգուշությամբ նայեցին իրենց շուրջը։ Ափը դատարկ գտնելով, արագ մտան նավակ և սկսեցին ուտել, ապա՝ խմել։ Արևը դեպի հորիզոնը թեքվեց։ Նրանք ճանապարհ ընկան։ Թոմը թիավարում էր ցամաքի մոտով և ուրախ շատախոսում Հեքի հետ։ Մթնելուց մի քիչ հետո ափ դուրս եկան։ | ||
+ | |||
+ | ― Այժմ, Հեք, ― ասաց Թոմը, ― փողը կպահենք այրու մարագի տանիքում։ Առավոտյան կգամ, կհաշվենք և կբաժանենք։ Հետո մարագում մի ապահով տեղ կգտնենք։ Այժմ դու այստեղ նստիր և հսկիր, իսկ ես վազեմ և Բեննի Թեյլըրի ձեռքի սայլակը բերեմ։ Շուտ կվերադառնամ։ Նա անհայտացավ և շուտով վերադարձավ սայլակով։ Երկու փոքր տոպրակները դրեցին սայլակի վրա, ծածկեցին մի քանի ցնցոտիներով և բեռը քաշելով ճանապարհ ընկան։ Հասնելով ծեր ուելսեցու տանը, տղաները կանգ առան հանգստանալու։ Երբ պատրաստվում էին ճանապարհ ընկնել, ուելսեցին դուրս եկավ, կանչեց։ | ||
+ | |||
+ | ― Հեյ, ո՞վ կա այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Հեքը և Թոմ Սոյերը։ | ||
+ | |||
+ | ― Հիանալի է։ Ինձ հետ եկեք, տղաներ, դուք բոլորին սպասել եք տալիս։ Դե, շտապեցեք, առաջ անցեք։ Սայլակը ես կքաշեմ։ Վայ, այնքան էլ թեթև չէ։ Ի՞նչ կա մեջը․ աղյուսնե՞ր, թե հին երկաթ։ | ||
+ | |||
+ | ― Հին երկաթ, ― ասաց Թոմը։ | ||
+ | |||
+ | ― Այդպես էլ ենթադրեցի։ Այս քաղաքի տղաները ավելի շատ չարչարվում և ավելի շատ ժամանակ են կորցնում հին երկաթ հավաքելով, որի արժեքը վեց սենթ է ձուլարանում, քան կանոնավոր աշխատանք կատարելով, որի համար կրկնակի կստանան։ Բայց դա մարդկային բնավորություն է։ Շտապեցեք, շտապեցեք։ | ||
+ | |||
+ | Տղաներն ուզեցին իմանալ, թե ինչո՞ւ են աշխատում։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ կիմանաք, երբ այրի Դուգլասի տունը հասնեք։ | ||
+ | |||
+ | Հեքը, սակայն, երկյուղով նորից հարցրեց, որովհետև նա վաղուց սովորել էր անտեղի կերպով մեղադրվելուն։ | ||
+ | |||
+ | ― Միստր Ջոնս, մենք ոչ մի վատ բան չենք արել։ | ||
+ | |||
+ | Ուելսեցին ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, Հեք, չգիտեմ, տղաս։ Այդ մասին ոչինչ չգիտեմ։ Դու և այրին մի՞թե լավ բարեկամներ չեք։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Բոլոր դեպքերում նա ինձ համար լավ բարեկամ է եղել։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում էլ ինչո՞ւ ես վախենում։ | ||
+ | |||
+ | Հեքը մտքում դեռ չէր պատասխանել այդ հարցին, երբ նրան Թոմի հետ հրեցին միսիս Դուգլասի հյուրասենյակը։ Միստր Ջոնսը սայլակը թողեց դռան մոտ և նրանց հետևեց։ | ||
+ | |||
+ | Հյուրասենյակը պայծառ լուսավորված էր, և ավանի բոլոր հայտնի մարդիկ այդտեղ էին։ Թեչըրները այդտեղ էին, ինչպես նաև Հարպըրները, Ռոջերսները, մորաքույր Պոլին, Սիդը, Մերին, քարոզիչը, խմբագիրը և շատ ուրիշներ, բոլորն էլ իրենց լավագույն զգեստները հագած։ Այրին տղաներին ընդունեց այնպիսի սիրով, ինչպես կարելի էր ընդունել նման տեսք ունեցող արարածների։ Նրանք ծածկված էին մոմի յուղով և կրով։ Մորաքույր Պոլին ամոթից կարմրեց, հոնքերը կիտեց և Թոմին նայելով՝ գլուխն օրորեց։ Բոլոր դեպքերում ոչ ոք տղաների չափ իրեն վատ չզգաց։ Միստր Ջոնսն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թոմը դեռևս տանը չէր, և ես նրան փնտրելու փորձ չարեցի, բայց նրան գտա իմ տան առաջ և շտապ բերեցի։ | ||
+ | |||
+ | ― Եվ շատ ճիշտ արեցիք, ― ասաց այրին, ― ինձ հետ եկեք, տղաներ։ | ||
+ | |||
+ | Նրանց մի ննջարան տարավ և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այժմ լվացվեցեք և հագնվեցեք։ Ահա երկու նոր հագուստ, շապիկներ, գուլպաներ, ամեն ինչ լրիվ է։ Դրանք Հեքինն են։ Ոչ, ոչ, շնորհակալություն մի հայտնի, Հեք, միստր Ջոնսը գնեց մեկը, իսկ մյուսը՝ ես։ Երկուսիդ վրայով է։ Հագնվեցեք։ Ներքև եկեք, երբ պատրաստ լինեք։ | ||
+ | |||
+ | Նա դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXV== | ||
+ | |||
+ | |||
+ | Հեքն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թոմ, կարող ենք ներքև սողալ, եթե մի պարան գտնենք։ Լուսամուտը գետնից բարձր չէ։ | ||
+ | |||
+ | ― Դատարկ խոսք․ ինչո՞ւ ես ուզում փախչել։ | ||
+ | |||
+ | ― Դե, ես սովոր չեմ այսպիսի հասարակության։ Չեմ կարող տանել։ Ես ներքև չեմ գնա, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Ուշադրություն մի դարձրու, մեծ բան չէ։ Ես բոլորովին չեմ մտահոգվում։ Քո մասին կմտածեմ։ | ||
+ | |||
+ | Երևաց Սիդը։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, ― ասաց նա, ― ամբողջ կեսօրից հետո մորաքույրը քեզ էր սպասում։ Մերին քո կիրակնօրյա զգեստը պատրաստեց, և բոլորը քեզ համար անհանգստանում էին։ Լսիր, շորերիդ վրա կավ ու ճա՞րպ կա։ | ||
+ | |||
+ | ― Այժմ, միստր Սիդի, դու քո սեփական գործերի մասին մտածիր։ Բայց, այնուամենայնիվ, այս բոլորը ինչի՞ համար է։ | ||
+ | |||
+ | ― Այրու երեկոներից մեկն է, որ նա միշտ կազմակերպում է։ Այս անգամ ուելսեցու և նրա որդիների պատվին է, որոնք նրան փրկել էին այն նշանավոր գիշերը։ Լսիր, ես կարող եմ կարևոր բան ասել, եթե ուզում ես իմանալ։ | ||
+ | |||
+ | ― Ասա, ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | ― Ծերուկ Ջոնսը փորձելու է ինչ֊որ բանով զարմացնել մարդկանց, ես այդ մասին իմացա և մորաքույրին որպես գաղտնիք այսօր ասացի։ Կարծում եմ, որ դա այժմ գաղտնիք չէ։ Ամեն մարդ գիտե, այրին նույնպես, թեև ձևացնում է, թե անտեղյակ է։ Միատր Ջոնսը շատ էր ուզում, որ Հեքը այստեղ լինի․ առանց Հեքի նրա մեծ գաղտնիքից բան չէր ստացվի, հասկանո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ գաղտնիք, Սիդ։ | ||
+ | |||
+ | ― Վերաբերում է Հեքին, որը հետևել է գողերին մինչև այրու տունը։ Վստահ եմ, որ միստր Ջոնսը երևակայում է բոլորին զարմացնել, բայց գրազ կգամ, որ շատ տափակ բան է ստացվելու։ | ||
+ | |||
+ | Սիդը շատ գոհ քրքջաց։ | ||
+ | |||
+ | ― Սիդ, այդ դո՞ւ ես բոլորին պատմել։ | ||
+ | |||
+ | ― Կարևոր չէ, թե ով է պատմել։ Մեկը պատմել է, և դա բավական է։ | ||
+ | |||
+ | ― Այս քաղաքում, միայն մեկը կա, որ կարող է այդքան ստոր բան անել։ Եվ դա դու ես։ Եթե Հեքի տեղը լինեիր, անմիջապես քաղաք կփախչեիր և ոչ ոքի չէիր պատմի գողերի մասին։ Դու միայն ստոր գործեր կարող ես անել և չես կարող տանել, որ ուրիշներին գովեն լավ վարմունքի համար։ Ահա, ստացիր և շնորհակալություն հայտնիր, ինչպես այրին է ասում։ ― Եվ Թոմը Սիդի ականջը քաշելով, ոտքով խփելով, նրան մինչև դուռը տարավ։ ― Այժմ գնա և եթե համարձակվում ես, պատմիր մորաքրոջը։ Վաղը դրա համար էլ կստանաս։ | ||
+ | |||
+ | Մի քանի րոպե անց այրու հյուրերը ընթրիքի սեղանի շուրջն էին։ Տասնյակ երեխաներ, նույն սենյակում, նստել էին մի փոքր սեղանի առաջ՝ օրվա և այդ երկրի սովորության համաձայն։ Հարմար պահին միստր Ջոնսը հակիրճ ճառ ասաց, որով շնորհակալություն հայտնեց իրեն և իր տղաներին ցույց տրված պատվի համար, բայց, ասաց նա, կա մեկը, որի համեստությունը․․․ | ||
+ | |||
+ | Եվ այլն, և այլն։ Այդ արկածի մեջ Հեքին վերաբերող գաղտնիքը նա բացեց ծայրահեղ թատերականությամբ, բայց քանի որ դա բոլորի իմացած հայտնագործությունն էր, տպավորությունն այնքան աղմկալից ու ուժեղ չեղավ, ինչպես կարող էր լինել այլ հանգամանքներում։ Այնուամենայնիվ, այրին բավական հաջող զարմացած ձևացավ և շատ գովեստներ և շնորհակալություն հայտնեց Հեքին։ Վերջինս համարյա մոռացավ իր նոր հագուստների և բոլորի ուշադրության թիրախը լինելու անհարմարությունը։ | ||
+ | |||
+ | Այրին ասաց, որ ինքը որոշել է Հեքի համար օթևան ստեղծել իր հարկի տակ, կրթության տալ, իսկ այնուհետև փող տրամադրել մի համեստ գործ սկսելու համար։ Այստեղ արդեն առիթն էր, որ Թոմը հանդես գար։ Նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հեքը այդ փողի կարիքը չունի։ Հեքը հարուստ է։ | ||
+ | |||
+ | Միայն բարեկրթության խստությունը հավաքվածներին պահեց, որպեսզի ծիծաղով չընդունեին այս կատակը։ Բայց լռությունն էլ մի քիչ անհարմար ստացվեց։ Թոմը խզեց այդ լռությունը․ | ||
+ | |||
+ | ― Հեքը փող ունի։Գուցե դուք չեք հավատում, բայց նա շատ փող ունի։ Կարիք չկա ժպտալու․ ես կարող եմ այն ցույց տալ։ Դուք մի րոպե սպասեցեք։ | ||
+ | |||
+ | Թոմը դուրս վազեց։ Ներկաներն իրար նայեցին տարակուսանքով և հետաքրքրությամբ, իսկ Հեքին՝ հարցական, որի լեզուն կապված էր։ | ||
+ | |||
+ | ― Սիդ, ի՞նչ է պատահել Թոմին, ― ասաց մորաքույր Պոլին, ― նա․․․ ասենք, նրանից գլուխ հանել հնարավոր չէ։ Ես երբեք․․․ | ||
+ | |||
+ | Թոմը ներս մտավ տոպրակների ծանրության տակ կքած, և մորաքույր Պոլին չկարողացավ իր նախադասությունն ավարտել։ Թոմը դեղին ոսկիների կույտը թափեց սեղանին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա, ասում էի ձեզ։ Դրա կեսը Հեքին է պատկանում, կեսը՝ ինձ։ | ||
+ | |||
+ | Այդ տեսարանից բոլորի շունչը կտրվեց։ Բոլորը նայում էին։ Մի պահ ոչ ոք չխոսեց։ Հետո բոլորը միաձայն բացատրություն պահանջեցին։ Թոմն ասաց, որ կարող է բացատրել։ Այդպես էլ արեց։ Նրա պատմությունը երկար էր, բայց լեզուն այրող հետաքրքրությամբ։ Բոլորը հմայված լսում էին, և ոչ ոք չէր համարձակվում, դրա հրաշալի ընթացքը ընդհատել։ Ավարտելուց հետո միստր Ջոնսն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես կարծում էի, որ այս առթիվ մի փոքր անակնկալ էի պատրաստել, բայց դա այժմ ոչ մի բանի նման չէ, խոստովանում եմ։ | ||
+ | |||
+ | Փողը հաշվեցին։ Տասներկու հազարից մի փոքր ավելի էր։ Դա ավելի շատ էր, քան ներկաների միանգամից տեսած որևէ գումար, թեև մի քանի մարդ կալվածքի ձևով ավելի շատ դրամ ունեին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXVI== | ||
+ | |||
+ | |||
+ | Ընթերցողը կարող է վստահ լինել, որ Թոմի ու Հեքի անակնկալ բախտը մեծ իրարանցում առաջացրեց Սենտ֊Պիտերսբուրգ փոքրիկ քաղաքում։ Այդպիսի մի մեծ գումար, այն էլ կանխիկ, թվում էր համարյա անհավատալի։ Այդ մասին խոսում էին, դատողություններ անում, տղաներին փառաբանում, մինչև այդ անառողջ հուզմունքից քաղաքացիներից ոմանց դատողությունը խախտվեց։ Սենտ֊Պիտերսբուրգի և շրջակա գյուղերի բոլոր «ուրվականների» տները տակն ու վրա արվեցին տախտակ առ տախտակ, դրանց հիմքերը փորվեցին և ամբողջությամբ խուզարկվեցին՝ պահված գանձը գտնելու հույսով։ Եվ ոչ միայն երեխաները, այլև հասուն մարդիկ, որոնցից ոմանք բավականին լրջախոհ էին, ոչ երազողներ։ Որտեղ Թոմն ու Հեքը երևում էին, նրանց հարգանքով էին ընդունում, հիանում, մատնացույց անում։ Տղաները չէին կարող հիշել, որ իրենց խոսքերը առաջ որևէ կշիռ ունենային, բայց այժմ նրանց ասածները արժեք ունեին և կրկնվում էին։ Նրանց կատարած յուրաքանչյուր արարքը թվում էր առանձնահատուկ և օրինակելի։ Տղաները փաստորեն կորցրել էին հասարակ բաներ անելու և ասելու ուժը։ Ավելին․ նրանց անցյալ կյանքից հիշում էին բաներ, որոնք կրում էին զարմանալի ինքնատիպության նշաններ։ Տեղական մամուլը տպագրեց տղաների կենսագրությունը։ | ||
+ | |||
+ | Այրի Դուգլասը Հեքի փողը վեց տոկոսով բանկ դրեց, մորաքույր Պոլիի խնդրանքով Թոմի բաժինը նույն ձևով տնօրինեց դատավոր Թեչըրը։ Տղաներից յուրաքանչյուրն այժմ պարզապես հսկայական եկամուտ ուներ։ Ամեն մի օրվա համար մի դոլար, իսկ կիրակի օրվա համար՝ կես դոլար։ Դա այնքան էր, ինչքան հասնում էր քահանային, ոչ, ավելի ճիշտ, այնքան էր, ինչքան խոստացված էր, բայց այդքանը նա չէր կարող ստանալ։ Այդ հին պարզ ժամանակներում մի դոլարը և մի քառորդը բավական էր բնակարանի, ապրելու, երեխային դպրոց ուղարկելու, ինչպես և հագցնելու և մաքրության համար։ | ||
+ | |||
+ | Դատավոր Թեչըրը մեծ կարծիք ուներ Թոմի մասին։ Նա ասում էր, որ սովորական ոչ մի տղա չէր կարողանա իր դստերը քարանձավից դուրս բերել։ Երբ Բեքին հորը գաղտնի ասաց, թե ինչպես Թոմն իր փոխարեն ծեծ էր կերել դպրոցում, դատավորը նկատելի կերպով զգացվեց։ Եվ երբ Բեքին հորը խնդրեց, որ այդ մեծ ստի համար Թոմի հետ խիստ չվարվի, քանի որ դրանով տղան պատիժը հեռացրել և իր վրա էր կենտրոնացրել, դատավորը հիացմունքով հայտարարեց, թե դա ազնիվ և մեծահոգի սուտ է, մի սուտ, որի համար արժե գլուխը բարձր պահել, պատմության մեջ քայլել Ջորջ Վաշինգտոնի հետ ուս֊ուսի։ Այդ ասելիս, Բեքիին թվաց, որ հայրը երբեք այդքան բարձրահասակ չէր եղել, ինչպես այժմ, երբ քայլում էր սենյակում և ոտքերով դոփում հատակը։ Նա անմիջապես դուրս եկավ և այդ բոլորը Թոմին պատմեց։ | ||
+ | |||
+ | Դատավոր Թեչըրը հույս ուներ, թե մի օր Թոմին կտեսնի իրավաբան կամ մեծ զինվորական դարձած։ Նա խոստացավ հետևել, որ Թոմն ընդունվի Ազգային զինվորական ակադեմիա, իսկ այնուհետև սովորի երկրի իրավաբանական լավագույն դպրոցում, որպեսզի պատրաստ լինի այդ երկու ասպարեզներից որևէ մեկին կամ երկուսին էլ։ | ||
+ | |||
+ | Հեք Ֆինի հարստությունն ու այրի Դուգլասի հովանավորությունը նրան մտցրին հասարակության մեջ, ոչ, քաշեցին, ներս հրեցին, և տղայի տառպանքները համարյա անտանելի դարձան։ Այրու սպասուհիները նրան մաքուր ու կոկիկ էին պահում, մազերը հարդարված ու սանրված, քնեցնում էին գարշելիորեն մաքուր անկողնում, ուր ոչ մի բիծ չկար, որ նա, իբրև վաղեմի ընկերոջ, կրծքին սեղմեր։ Նա պարտավոր էր դանակով և պատառաքաղով ուտել, պարտավոր էր անձեռոցիկ օգտագործել, բաժակ և աման, պարտավոր էր գիրք կարդալ, եկեղեցի գնալ, պարտավոր էր այնպես մաքուր խոսել, որ խոսքը մնում էր բերանում։ Որ կողմը շուռ էր գալիս, քաղաքակրթության արգելքներն ու շղթաները փակում էին նրան, կապում ձեռքերն ու ոտքերը։ | ||
+ | |||
+ | Նա քաջաբար տարավ իր դժբախտությունները երեք շաբաթ և հետո մի օր չքացավ։ Քառասունութ ժամ այրին մեծ վշտով փնտրեց նրան։ Հասարակությունը մեծապես հուզված էր․ նրան փնտրեցին բլրի վրա և հովիտներում, գետում փնտրեցին մարմինը։ Երրորդ օրվա առավոտյան Թոմ Սոյերը գնաց նրան որոնելու հին սպանդանոցի ետևում գտնվող դատարկ տակառներում, և դրանցից մեկի մեջ գտավ փախստականին։ Հեքն այնտեղ էր գիշերում։ Նա հենց նոր էր նախաճաշել, կերել էր ինչ֊որ տեղից գողացած թերմուցք և այժմ հանգիստ պառկած՝ ծխամորճ էր քաշում։ Կեղտոտ էր, գզգզված մազերով, հին ցնցոտիներով, որոնք տղային հրաշալի տեսք էին տալիս․ ազատ ու երջանիկ էր․ Թոմն ընկերոջը տակառից դուրս քաշեց, հայտնեց, թե նա ինչ անհանգստություն է պատճառել մարդկանց։ Ստիպեց նրան գնալ։ Հեքի դեմքը կորցրեց դեմքի իր անվրդով գոհունակությունը և տխուր տեսք ստացավ։ Նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այդ մասին մի խոսիր, Թոմ։ Փորձեցի, և բան դուրս չեկավ, Թոմ։ Դա ինձ համար չէ․ ես դրան սովոր չեմ։ Այրին բարի է իմ նկատմամբ և սիրալիր, բայց տանել չեմ կարող նրա կարգ ու կանոնը։ Ինձ ստիպում է ամեն առավոտ նույն ժամին վեր կենալ, ստիպում է լվացվել։ Մազերս այնքան սանրեցին, որ գլխիս վրա մազ չմնաց։ Թույլ չի տալիս ցախատանը քնել, ստիպված եմ հագնել այն անիծայլ հագուստները, որոնց մեջ խեղդվում եմ, կարծես դրանց միջով ոչ մի օդ չի անցնում, դրանք այնքան գեղեցիկ են, որ չեմ կարող նստել, պառկել, թավալ գալ։ Ինձ թվում է, որ մի տարի է, ինչ չեմ թավալվել։ Ստիպում են, որ եկեղեցի գնամ, քրտնեմ ու քրտնեմ։ Ատում եմ այդ քարոզները։ Այնտեղ չեմ կարող ճանճ բռնել, չեմ կարող ծխախոտ ծամել։ Ստիպված եմ ամբողջ կիրակի օրը կոշիկ հագնել։ Այրին ուտում է զանգով, քնում է զանգով, վեր է կենում զանգով։ Ամեն ինչ այնպես սարսափելի կանոնավոր է, որ դիմանալ չեմ կարող։ | ||
+ | |||
+ | ― Ախր բոլորը նույն են անում, Հեք։ | ||
+ | |||
+ | ― Թոմ, դա իմ բանը չէ։ Բոլորն ուրիշ, ես ուրիշ, չեմ դիմանում։ Սարսափելի է կապված լինելը։ Ուտելիքը հեշտ ու հանգիստ է ձեռք բերվում։ Ես այդ ձևով ուտելուց ոչ մի հաճույք չեմ ստանում։ Պարտավոր եմ թույլտվություն խնդրել ձուկ որսալու համար, պարտավոր եմ թույլտվություն խնդրել լողանալու համար․ ամեն ինչի համար թույլտվություն պետք է խնդրեմ։ Պարտավոր եմ այնպես քաղաքավարի խոսել, որ այլևս խոսել չեմ ուզում։ Ստիպված ամեն օր բարձրանում եմ ձեղնահարկ, մի քիչ հայհոյում, որ բերանիս համն զգամ։ Թե չե կմեռնեմ, Թոմ։ Այրին չի թողնում, որ ծխեմ, չի թողնում հորանջեմ, չի թողնում բարձր խոսեմ, չի թողնում մարդկանց առաջ ծմռկամ ու քորվեմ։ ― Ապա Հեքն առանձնապես վիրավորված ու վշտով շարունակեց․ ― Գրողը տանի, ամբողջ ժամանակ աղոթում է։ Ես այդպիսի կին չեմ տեսել, ատիպված էի փախչել, Թոմ, ստիպված էի։ Մյուս կողմից շուտով դպրոցը բացվելու է, և ես ստիպված պիտի լինեմ գնալ, իսկ դրան արդեմ չեմ դիմանա, Թոմ։ Լսիր, Թոմ, հարուստ լինելը այնքան էլ լավ բան չէ, ինչպես երևում է։ Դա պարզապես նեղություն է, մտահոգություն, քրտինք, քրտինք և մեռած լինելու ցանկություն։ Իսկ այս հագուստները ինձ հարմար են, այս տակառը հարմար է, և ես դրանցից այլևս չեմ բաժանվի։ Թոմ, ես այս անախորժությունների մեջ չէի ընկնի, եթե այդ փողը չունենայի։ Թոմ, իմ բաժինն էլ դու վերցրու և երբեմն֊երբեմն ինձ մի տասսենթանոց տուր, ոչ հաճախ․ ես ոչ մի արժեք չեմ տալիս այն բանին, որ դժվարությամբ չես ձեռք բերում։ Գնա և այրուն իմ կողմից խնդրիր, որ ինձ հանգիստ թողնի։ | ||
+ | |||
+ | ― Էհ, Հեք, դու գիտես, որ ես չեմ կարող քո փողը վերցնել․ դա ազնիվ վարմունք չի լինի, բացի այդ, եթե դու մի փոքր էլ փորձես, դիմանաս, այդ կյանքը կսկսի քեզ դուր գալ։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւր գալ․․․ այո, ինչպես կարող է դուր գալ վառվող վառարանի վրա նստելը։ Ոչ, Թոմ, ես չեմ ուզում հարուստ լինել և ապրել այդ անիծյալ տներում։ Ես սիրում եմ անտառներ, գետ, տակառներ և դրանցից չեմ բաժանվի։ Բայց, սատանան տանի, հիմա, երբ ավազակության համար և՛ հրացան ունենք, և՛ քարանձավ, և՛ ամեն ինչ, հանկարծ այդ հիմարությունը մեջտեղ եկավ և ամեն ինչ փչացրեց։ | ||
+ | |||
+ | Թոմն օգտվեց հարմար առիթից․ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Հեք, հարուստ լինելը ինձ ավազակ դառնալուց ետ չի պահի։ | ||
+ | |||
+ | ― Հը՞, դու այդ ճիշտ ես ասաու, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Այնքան ճիշտ, ինչքան այստեղ լինելս։ Բայց, Հեք, մենք չենք կարող քեզ ավազակախմբում ընդունել, եթե վատ հագած լինես։ | ||
+ | |||
+ | Հեքի ուրախությունը մարեց։ | ||
+ | |||
+ | ― Չե՞ք կարող ընդունել, Թոմ։ Հապա ինչպե՞ս ծովահեն ընդունեցիք։ | ||
+ | |||
+ | ― Այո, սա ուրիշ բան է։ Ավազակը ծովահենից ավելի բարձր է։ Դա ընդունված բան է։ Մի շարք երկրներում, նրանք ազնվական շատ բարձր աստիճաններ ունեն․ դուքսեր և նման բաներ են։ | ||
+ | |||
+ | ― Բայց, Թոմ, չէ՞ որ դու միշտ ինձ բարեկամ ես եղել։ Չպետք է դուրս անես, չէ՞, Թոմ։ Դու այդ չես անի, չէ՞, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Հեք, ես այդ չեմ ուզենա և այժմ էլ չեմ ուզում, բայց մարդիկ ի՞նչ կմտածեն։ Նրանք կասեն․ «Ֆի, Թոմ Սոյերի ավազակախումբ, բավական ցածր մարդիկ կան նրա մեջ»։ Նրանք քեզ նկատի կունենան, Հեք։ Դա քեզ դուր չի գա, ոչ էլ ինձ։ | ||
+ | |||
+ | Հեքը որոշ ժամանակ լուռ մնաց․ նրա ներսում պայքար էր տեղի ունենում։ Ի վերջո նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լավ, եթե խոստանաս ինձ թույլ տալ, որ միանամ ավազակախմբին, կվերադառնամ այրու մոտ և մի ամիս կփորձեմ հարմարվել։ Գուցե հաջողվի ինձ դիմանալ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ, Հեք, դա արդեն լավ է։ Դու արի, սիրելիս, գնանք, իսկ ես այրուն կասեմ, որ մի քիչ պակաս խիստ լինի։ | ||
+ | |||
+ | ― Կասե՞ս, Թոմ, իսկապես կասե՞ս։ Լավ է։ Եթե որոշ հարցերում մի քիչ մեղմ լինի։ Ես թաքուն կծխեմ և թաքուն կհայհոյեմ, գուցե դիմանամ, կամ պայթեմ։ Ե՞րբ ես ավազակախումբը հավաքելու և կողոպուտը սկսելու։ | ||
+ | |||
+ | ― Անմիջապես։ Տղաներին գուցե այսօր հավաքենք և այս գիշեր իսկ անենք առաջին արարողությունը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչը։ | ||
+ | |||
+ | ― Առաջին արարողությունը։ | ||
+ | |||
+ | ― Դա ի՞նչ բան է։ | ||
+ | |||
+ | ― Երդվելու ենք, որ իրար թև ու թիկունք ենք լինելու և ավազակախմբի գաղտնիքները երբեք չենք հայտնելու, եթե նույնիսկ մեզ կտոր֊կտոր անեն, իսկ եթե մեկը խմբի անդամներից մեկին վիրավորի, մենք նրան ամբողջ ընտանիքով կսպանենք։ | ||
+ | |||
+ | ― Դա հրաշալի է, դա շատ հրաշալի է, Թոմ, հավատա ինձ։ | ||
+ | |||
+ | ― Այո հրաշալի է։ Երդումը պետք է կատարվի կեսգիշերին, ամենաթաքուն, ամենաահավոր տեղում։ Ուրվականներով լցված մի վայրը լավագույնը կլինի, բայց բոլոր այդ տեղերը այժմ տակնուվրա են արված։ | ||
+ | |||
+ | ― Բոլոր դեպքերում, կեսգիշերին լավ է, Թոմ։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդպես է։ Եվ երդումը պետք է կատարվի գերեզմանի վրա ու ստորագրված լինի արյունով։ | ||
+ | |||
+ | ― Դա արդեն գործ է։ Լսիր, դա ծովահենությունից միլիոն անգամ լավ է։ Ես այրու մոտ կմնամ մինչև հոգիս դուրս գա, Թոմ, եթե կարգին ավազակ դառնամ և բոլորը խոսեն իմ մասին։ Վատահ եմ, որ այրին կհպարտանա ինձ իր տանը ապաստան տալու համար։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Վերջաբան== | ||
+ | |||
+ | |||
+ | Այսպես է ավարտվում այս պատմությունը։ Լինելով հատկապես մի երեխայի պատմություն, այստեղ պետք է կանգ առնի․ հնարավոր չէ պատմությունն ավելի շարունակել, առանց դա մի մարդու պատմություն դարձնելու։ Երբ մեկը վեպ է գրում հասուն մարդկանց մասին, նա գիտե, թե որտեղ պիտի ավարտվի, այսինքն՝ ամուսնությամբ, բայց երբ գրվում է երեխաների մասին, պետք է ավարտի այնտեղ, որտեղ ավելի հարմար է։ | ||
+ | |||
+ | Այս գրքի կերպարներից շատերը դեռևս ապրում են երջանիկ և հաջողակ։ Մի օր գուցե հարմար թվա գրել մեծահասկների պատմությունը և տեսնել՝ ինչպիսի տղամարդիկ ու կանայք դարձան նրանք։ Դրա համար էլ խոհեմ վարված կլինեմ, եթե նրանց այդ երջանիկ կյանքը առայժմ չպատմեմ։ |
Ընթացիկ տարբերակը 00:02, 17 Դեկտեմբերի 2013-ի դրությամբ
հեղինակ՝ Մարկ Տվեն |
Բովանդակություն
- 1 Նախաբան
- 2 Գլուխ I
- 3 Գլուխ II
- 4 Գլուխ III
- 5 Գլուխ IV
- 6 Գլուխ V
- 7 Գլուխ VI
- 8 Գլուխ VII
- 9 Գլուխ VIII
- 10 Գլուխ IX
- 11 Գլուխ X
- 12 Գլուխ XI
- 13 Գլուխ XII
- 14 Գլուխ XIII
- 15 Գլուխ XIV
- 16 Գլուխ XV
- 17 Գլուխ XVI
- 18 Գլուխ XVII
- 19 Գլուխ XVIII
- 20 Գլուխ XIX
- 21 Գլուխ XX
- 22 ԳլուխXXI
- 23 Գլուխ XXII
- 24 Գլուխ XXIII
- 25 Գլուխ XXIV
- 26 Գլուխ XXV
- 27 Գլուխ XXVI
- 28 Գլուխ XXVII
- 29 Գլուխ XXVIII
- 30 Գլուխ XXIX
- 31 Գլուխ XXX
- 32 Գլուխ XXXI
- 33 Գլուխ XXXII
- 34 Գլուխ XXXIII
- 35 Գլուխ XXXIV
- 36 Գլուխ XXXV
- 37 Գլուխ XXXVI
- 38 Վերջաբան
Նախաբան
Այս գրքում նկարագրված արկածները մեծ մասամբ իրական դեպքեր են։ Մի քանիսը կապված են հենց ինձ հետ, մյուսները՝ իմ դպրոցական ընկերների։ Հեք Ֆինն իրոք գոյություն է ունեցել, Թոմ Սոյերը՝ նույնպես, բայց ոչ որպես անհատ։ Թոմը ինձ ծանոթ երեք տղաների միավորումն է և այդ իսկ պատճառով՝ ճարտարապետական մի բարդ միասնություն։
Այստեղ նշված բոլոր սնոտիապաշտություններն էլ, իհարկե, գոյություն ունեին արևմուտքի ստրուկների ու երեխաների մոտ՝ այս պատմությանը վերաբերող ժամանակաշրջանում, երեսուն կամ քառասուն տարի առաջ։
Թեև գիրքս նախատեսել եմ հիմնականում պատանիների ու աղջիկների համար, սակայն հույս ունեմ, որ այն չի խրտնեցնի նաև հասուն տղամարդկանց ու կանանց։
- Հեղինակ
Հարթֆորդ, 1876
Գլուխ I
― Թո՛մ։
Պատասխան չկա։
― Թո՛մ։
Պատասխան չկա։
― Էլի ի՞նչ պատահեց այդ տղային։ Թո՛մ․․․
Ծեր լեդին ակնոցն իջեցրեց մինչև քթի ծայրը, ապակիների վերևից նայեց իր շուրջը, հետո բարձրացրեց ու նայեց ապակիների տակից։ Լեդին հազվադեպ էր նայում ակնոցով, երբ հարկավոր էր որոնել մի այնպիսի մանրուք, ինչպիսին տղան էր, քանի որ դա նրա տոնական ակնոցն էր, նրա հպարտությունը։ Լեդին դա կրում էր ավելի շուտ պատկառանք ներշնչելու համար։ Գործ անելիս նրան ակնոց պետք չէր։ Նույն հաջողությամբ նա կարող էր նայել թեկուզ վառարանի խողովակների միջով։ Լեդին շփոթված մի պահ շուրջը նայեց և ասաց ոչ այնքան բարձրաձայն, բայց այնպես, որ գոնե կահ֊կարասիները կարողանան լսել․
― Լա՜վ․․․ Սպասիր, թե որ բռնե՜մ․․․
Խոսքը չավարտած, նա կռացավ և ծանր շնչելով, որովհետև օդը չէր բավականացնում, խոզանակը շարժեց մահճակալի տակ։ Այնտեղ, բացի կատվից, ուրիշ բան չկար։
― Ի՞նչ երեխա է․․․ Կյանքումս դրա նմանը տեսած չկամ․․․
Նա գնաց դեպի բաց դուռը, կանգնեց շեմին և զննող հայացքով նայեց բանջարանոցին, որտեղ պոմիդորի թփերը խեղդվում էին մոլախոտերի մեջ։ Թոմը այնտեղ էլ չկար։ Հետո լեդին ձայնը բարձրացրեց, որպեսզի ավելի հեռուն լսվի, ու կանչեց․
― Հե՜յ, Թո՛մ։
Հետևից մի թույլ խշշոց լսվեց։ Լեդին անմիջապես շրջվեց ու հաջորդ պահին բաճկոնի փեշից բռնելով, բարձրացրեց մի փոքրիկ տղայի, որն ուզում էր ծլկել։
― Ինչպե՜ս էի մոռացել պահարանում նայել։ Ի՞նչ էիր անում այնտեղ։
― Ոչինչ։
― Ոչի՜նչ։ Մի տես սրա ձեռներն ու բերանը։ Իսկ ինչո՞վ ես դունչդ աղտոտել։
― Չգիտեմ, մորաքույր։
― Իսկ ես գիտեմ։ Մուրաբայով։ Քառասուն անգամ եմ ասել, որ չհամարձակվես մուրաբային ձեռք տալ, թե չէ կաշիդ կքերթեմ։ Մի տո՛ւր տեսնեմ ճիպոտը․․․
Ճիպոտն օդում շաչեց։ Վտանգն անխուսափելի էր։
― Վա՜յ, մորաքո՛ւյր։ Այդ ի՞նչ է ձեր մեջքին։
Լեդին վախեցած շրջվեց ու փեշերն շտապով հավաքեց, որպեսզի խուսափի ահավոր դժբախտությունից։ Իսկ տղան նույն վայրկյանին փախավ, մագլցելով անցավ բարձր ցանկապատն ու անհայտացավ։ Մորաքույր Պոլին մի պահ շշմած կանգնեց, ապա բարեհոգությամբ ծիծաղեց․
Ա՜յ քեզ տղա։ Ժամանակն է, որ վարժվեմ սրա օյիններին։ Գլխիս քի՞չ խաղ է խաղացել։ Գոնե այս անգամ պետք է մի քիչ խելոք լինեի։ Բայց, ինչպես երևում է, չկա ավելի մեծ հիմար, քան ես՝ ցնդածս․․․ Իզուր չեն ասում, թե «պառավ շանը նոր բաների չես վարժեցնի»։ Բայց, աստված իմ, այդ տղայի օյիններն էլ միշտ տարբեր են լինում։ Այսօր մի բան, վաղը՝ մի ուրիշ․․․ Կարո՞ղ ես գուշակել, թե ինչ կա նրա գլխում։ Նա կարծես գիտե, թե որքան պիտի տանջի, մինչև հոգիս հանելը, գիտե նաև, որ բավական է շեղի ուշադրությունս կամ ծիծաղեցնի, անմիջապես թևաթափ եմ լինում, և ճիպոտով հարվածելու ուժ չի մնում։ Աստված թող ների ինձ․․․ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է․ պարտքս նրա նկատմամբ չեմ կատարում։ Սուրբ գիրքն ասում է, որ առանց ճիպոտի յոլա գնացողը կփչացնի երեխային։ Իսկ ես նրան երես եմ տալիս, մեղա՜, մեղա՜։ Դրա համար էլ այն աշխարհում երկուսս էլ կտանջվենք։ Գիտեմ, թե ինչ սատանան է, բայց բան ասել չեմ կարող։ Ախր հանգուցյալ քրոջս որդին է։ Խե՜ղճ երեխա։ Ձեռքս չի գնում, թե որբին ծեծեմ։ Ամեն անգամ, երբ ձեռքիցս դուրս է պրծնում, խիղճս ինձ այնպես է տանջում, որ ասել չեմ կարող։ Իսկ ծեծելիս էլ մաշված սիրտս է կտոր֊կտոր լինում։ Սուրբ գրքում ճիշտ է ասված․ «Կարճ է կյանքը մարդու և լի՝ վշտերով»։ Շատ ճիշտ է, խոսք չկա։ Իսկ նա, երևի, այսօր այլևս դպրոց չի գնա։ Մինչև իրիկուն թրև է գալու։ Պարտքս լինի՝ այնպե՜ս պատժեմ նրան։ Կստիպեմ, որ ամբողջ օրն աշխատի։ Նա, իհարկե, չի սիրում աշխատել շաբաթ օրը, այն ժամանակ, երբ մյուս ընկերները խաղում են։ Բայց ուրիշ կերպ վարվել չեմ կարող։ Նա ամենից շատ ատում է աշխատանքը։ Իսկ ես պետք է պարտքս կատարեմ, թե չէ տղան ձեռից կգնա։
Իսկապես, Թոմը դասերից փախավ։ Եվ ամբողջ օրն էլ հիանալի անց կացրեց։ Նա հազիվ կարողացավ ժամանակին տուն հասնել, որպեսզի օգնի փոքրիկ նեգր Ջիմին, որ հաջորդ օրվա համար փայտ էր ջարդելու, կամ, ավելի ճիշտ, մինչև Ջիմը կկատարեր այդ աշխատանքի երեք քառորդ մասը, նա պատմեց իր արկածները։ Թոմի փոքր, (խորթ) եղբայրը՝ Սիդը, արդեն ավարտել էր իր գործը՝ տաշեղներ հավաքելը։ Նա խելոք տղա էր և միշտ խուսափում էր արկածներից ու անախորժություններից։
Մինչ Թոմը ընթրում էր և օգտվելով հարմար առիթից՝ շաքար գողանում, մորաքույր Պոլին խորամանկ ու խորաթափանց հարցեր էր տալիս։ Նա հույս ուներ, որ Թոմը թակարդը կընկնի և ստիպված ամեն ինչ կխոստովանի։ Բոլոր բարեհոգի մարդկանց պես, մորաքույր Պոլին իրեն համարում էր հմուտ դիվանագետ ու իր պարզամիտ դիտավորությունների մեջ տեսնում նուրբ խորամանկություն։ Նա ասաց․
― Թոմ, այսօր դպրոցում բավական շոգ էր, այնպես չէ՞։
― Այո, մորաքույր։
― Շատ շոգ էր, այնպես չէ՞։
― Այո մորաքույր։
― Իսկ լողանալու ցանկություն չունեցա՞ր, Թոմ։
Թոմի մարմնով անախորժ սարսուռ անցավ։ Նրան տիրեց վախի ու կասկածի տհաճ մի զգացում։ Նա աչքի տակով նայեց մորաքույր Պոլիին, որի դեմքը ոչինչ չէր արտահայտում, և ասաց․
― Ոչ, մորաքույր, այնքան էլ չէ։
Լեդին շոշափեց Թոմի շապիկն ու ասաց․
― Չես էլ քրտնել։
Նա հպարտությամբ մտածեց, թե ինքը կարողացավ ստուգել, որ Թոմի շապիկը չոր է ու ոչ ոք էլ գլխի չնկավ, թե ինչ խորամանկ բան էր մտածել ինքը։ Բայց Թոմը իսկույն կռահեց, թե քամին որտեղից է փչում։ Եվ փորձեց կանխել հարցաքննության հետագա ընթացքը։
― Թարմանալու համար գլուխներս ծորակի տակ դրեցինք։ Մազերս դեռ թաց են, տեսնու՞մ եք։
Մորաքույր Պոլին ափսոսաց, որ մի այդպիսի կարևոր հանգամանք աչքաթող է արել։ Բայց անմիջապես նրա գլխում մի նոր միտք ծնվեց․
― Թոմ, միայն գլուխդ թրջելու համար դու ստիպված չէիր լինի շապկիդ օձիքը քանդել։ Հապա, արձակիր բաճկոնիդ կոճակները, տեսնեմ՝ կարածս մնո՞ւմ է, թե ոչ։
Թոմի դեմքից անհանգստության ստվերը չքացավ։ Նա բացեց բաճկոնը։ Շապկի օձիքը ամուր կարված էր։
― Դե, լավ, լավ․․․ Քեզանից գլուխ չեմ կարող հանել։ Ես համոզված էի, որ դու դպրոցից փախել ես և լողանալու գնացել։ Բայց ոչինչ․․․ Չեմ բարկանում։ Չնայած դու իսկական սուտլիկ ես, բայց այս անգամ էլ պրծար։
Լեդին փոքր ինչ վշտացավ, որ իր խորամանկությունն ապարդյուն անցավ, բայց միևնույն ժամանակ գոհ էր, որ գոնե այս անգամ Թոմն իրեն լավ էր պահել։
Բայց այստեղ մեջ ընկավ Սիդը։
― Որքան հիշում եմ, ― ասաց նա, ― դուք Թոմի օձիքը ճերմակ թելով կարեցիք, իսկ հիմա, տեսեք՝ թելը սև է։
― Այո, իհարկե, ճերմակով եմ կարել։ Թո՛մ․․․
Բայց Թոմը միտք չուներ շարունակությանը սպասել։
Սենյակից դուրս փախչելիս, նա կամաց ասաց․
― Սի՛դի, դրա համար լավ ծեծ կուտես։
Ապահով մի տեղ թաքնվելով, Թոմը զննեց բաճկոնի օձիքին ներսի կողմից խրած երկու մեծ ասեղները, որոնցից մեկը թելած էր ճերմակ, մյուսը՝ սև թելով։
― Եթե Սիդը չլիներ, մորաքույրը երբեք չէր նկատի։ Գրողը տանի։ Նա մեկ ճերմակով է կարում, մեկ էլ՝ սևով։ Ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես միևնույն գույնով կարեր, ես էլ այսպես չէի շփոթվի․․․ Իսկ Սիդին ես անպայման կծեծեմ։ Լավ դաս կլինի նրա համար։
Թոմն այն օրինակելի տղան չէր, որով ամբողջ քաղաքը կարող էր հպարտանալ։ Բայց նա շատ լավ գիտեր, թե ով է օրինակելին, և ատում էր նրան։
Չանցած երկու րոպե (գուցե ավելի շատ) Թոմի գլխից թռան բոլոր անախորժությունները։ Պատճառն այն չէր, որ նույնիսկ մեծերին տանջող անախորժությունները Թոմի համար ավելի թեթև էին ու տանելի, այլ այն, որ այդ պահին Թոմին համակեց մի նոր ու զորեղ ցանկություն, և այդ ցանկությունը նրա գլխից դուրս քշեց բոլոր տագնապները։ Նույն կերպ էլ մեծերն են ընդունակ մոռանալ իրենց բոլոր վշտերը, հենց որ նրանց հրապուրում է որևէ նոր գործ։ Թոմի համար այդ նոր գործը սուլելն էր, որ սովորել էր մի ծանոթ նեգրից և վաղուց ի վեր առիթ էր որոնում այդ արվեստը ցուցադրել՝ առանց որևէ մեկի միջամտության։ Նեգրը սուլում էր թռչունի պես։ Կարճ դադարներով մի գեղգեղանք էր այդ, որի համար անհրաժեշտ էր լեզուն հաճախակի կպցնել քիմքին։ Ընթերցողը, հավանաբար կհիշի, թե ինչպես է այդ արվում, եթե միայն երբևէ նա եղել է Թոմի տարիքին։ Համառությունն ու ջանքերը Թոմին օգնեցին, որ նա շատ շուտ կարողանա տիրապետել սուլելու վարպետությանը։ Նա ուրախ քայլում էր փողոցով, և նրա բերանը լի էր քաղցր երաժշտությամբ, իսկ հոգին՝ անհուն գոհունակությամբ։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես երկնքում մի նոր մոլորակ հայտնագործած աստղաբաշխ, միայն թե տղայի ուրախությունն ավելի անմիջական էր, ավելի անկեղծ ու խոր։
Ամռան երեկոները երկար են լինում։ Չորս կողմը դեռ լույս էր։ Հանկարծ Թոմը դադարեց սուլել։ Նրա առաջ կանգնած էր իրենից մի քիչ մեծ ինչ֊որ անծանոթ տղա։ Սենտ֊Պիտերսբուրգի բնակիչների ուշադրությունը միշտ էլ գրավում էր որևէ նորեկի հայտնվելը այդ փոքրիկ քաղաքում, անկախ անծանոթի տարիքից և սեռից։ Բացի դրանից, անծանոթ տղան շատ լավ էր հագնված, այն էլ այդ լի օրը։ Դա ցնցող բան էր։ Հրաշալի գլխարկ, խնամքով կոճկած կապույտ բաճկոն, որը նոր էր ու շատ մաքուր, և նույնպիսի տաբատ։ Նա հրաշալի կոշիկներ էր հագել, այն էլ ուրբաթ օրը։ Տղան նույնիսկ փողկապ էր կապել։ Եվ ընդհանրապես քաղաքային պճնամոլի տեսք ուներ։ Դա կատաղեցրեց Թոմին։ Որքան Թոմը նայում էր նրա հրաշք֊հագուստներին, այնքան հին ու մաշված էին թվում սեփական հագուստները, այնքան նա ցցում էր քիթը, կամենալով հասկացնել, որ իր համար անտանելի են այդ զիզի֊բիզի շորերը։ Տղաները լուռ նայում էին իրար։ Բավական էր, որ մեկը մի քայլ աներ, նույնը կրկնում էր նաև մյուսը, բայց միայն մի կողմի վրա, աստիճանաբար պտտվելով։ Դեմքը դեմքին մոտեցրած, իրար աչքերի մեջ նայելով, նրանք այդպես պտտվեցին բավական երկար ժամանակ։ Վերջապես Թոմն ասաց․
― Ուզու՞մ ես դնգսեմ։
― Փորձիր։
― Ասացի՝ կդնգսեմ։
― Ասում եմ՝ չես կարող։
― Կդնգսեմ։
― Չես կարող։
― Կարող եմ։
― Չես կարող։
― Կարող եմ։
― Չես կարող։
Տիրեց ծանր լռություն։ Հետո Թոմն ասաց․
― Անունդ ի՞նչ է։
― Քո ի՞նչ գործն է։
― Ես ցույց կտամ՝ իմ ինչ գործն է։
― Ցույց տուր։ Ինչու՞ ես կանգնել։
― Եթե երկու խոսք էլ ասես, ցույց կտամ։
― Երկու խոսք։ Երկու խոսք։ Երկու խոսք։ Դե՞, ասելդ ի՞նչ է։
― Մի տես ինչ խելոքն է։ Ախր, որ ուզեմ, քեզ մի ձեռով էլ կդնգսեմ, թեկուզ մյուս ձեռս կապեն մեջքիս։
― Էլ ինչո՞ւ չես դնգսում, եթե կարող ես։
― Որ գլուխս շատ տանես, կդնգսեմ։
― Հա՛֊հա՛։ Քեզ նմաններին շատ եմ տեսել։
― Կարծում ես, որ այդպես զուգվել, զարդարվել ես, մեծ բան է։ Մի սրա գլխարկին նայեք․․․
― Չե՞ս հավանում։ Փորձիր ձեռք տալ։ Մի տես ոնց կհասցնեմ։
― Փչում ես։
― Դու ես փչում։
― Միայն պտպտալ գիտես, իսկ ինքդ վախկոտ ես։
― Դե լավ, քաշվիր մի կողմ։
― Է՛յ, լսիր, թե չցանվես այստեղից, գլուխդ կջարդեմ։
― Ոնց չէ, կջարդես։ Ես էլ վախեցա․․․
― Էլ ի՞նչ ես կանգնել։ Ահ ես տալիս, բայց տեղիցդ չես շարժվում։ Ուրեմն վախենում ես։
― Չեմ վախենում։
― Վախենում ես։
― Չեմ վախենում։
― Վախենում ես։
Նորից լռություն։ Նրանք աչքերով իրար կերան, դոփեցին կանգնած տեղում ու մի անգամ էլ պտտվեցին։ Վերջապես կանգնեցին ուս֊ուսի։ Թոմն ասաց․
― Կորիր այստեղից։
― Ինքդ կորիր։
― Չեմ ուզում։
― Ես էլ չեմ ուզում։
Ոտները լայն բացած՝ կանգնել են դեմ֊դիմաց։ Ատելությամբ իրար նայելով, նրանք որքան ուժ ունեին, սկսեցին հրել իրար։ Բայց ոչ մեկը կարողացավ հաղթել, ոչ մյուսը։ Նրանք երկար ժամանակ հրում էին իրար։ Տաքացած ու կարմրած, նրանք մի փոքր թուլացրին իրենց համառ պայքարը, բայց մեկը մեկին չզիջեց։ Այդ ժամանակ Թոմն ասաց․
― Դու վախկոտի ու լակոտի մեկն ես։ Մեծ եղբորս կբերեմ, նա մի ճկույթով կջարդի քեզ։ Որ ասեմ, նա քեզ կջարդի։
― Քո մեծ եղբորից չեմ վախենում։ Ես էլ եղբայր ունեմ, և ավելի մեծ։ Նա քո եղբորը կարող է ցանկապատից այն կողմը նետել։ (Երկու եղբայրներն էլ մտացածին էին)։
― Փչում ես։
― Ւնչ ուզում ես կարծիր։
Թոմը ոտի բթամատով փոշու վրա մի գիծ քաշեց ու ասաց․
― Փորձիր այս գծից անցնել։ Այնպես կդնգսեմ, որ տեղիցդ էլ վեր չես կենա։ Վայ նրան, ով անցավ այս գիծը։
Անծանոթ տղան անմիջապես շտապեց անցնել գիծը։
― Տեսնեմ ոնց ես դնգսելու։
― Ետ քաշվիր։ Ասում եմ՝ լավ կլինի ետ քաշվես։
― Ասացիր, թե կդնգսես։ Դե հիմա դնգսիր տեսնեմ։
― Գրողը տանի․․․ Երկու սենթ տուր, դնգսեմ։
Անծանոթ տղան գրպանից երկու մեծ պղնձադրամ հանեց և հեգնանքով մեկնեց Թոմին։
Թոմը զարկեց նրա ուսին, և պղնձադրամները թափվեցին փոշու մեջ։ Քաշեցին իրար մազերը, բաճկոնի փեշերը, տաբատները, ճանկռոտեցին և ձգեցին միմյանց քիթը, իրենց պսակեցին փոշով ու փառքով։ Վերջապես, թավալվող այդ այդ անորոշ զանգվածը ընդունեց որոշակի կերպարանք, ռազմաճակատի փոշու և մշուշի մեջ պարզվեց, որ Թոմը նստած է թշնամու մեջքին և նրան հարվածում է բռունցքով։
― Ներողություն խնդրիր, ― պահանջեց նա։
Բայց տղան կատաղությունից լաց լինելով, ջանում էր դուրս պրծնել նրա տակից։
― Ներողություն խնդրիր, ― ու ջարդը շարունակվեց։
Վերջապես անծանոթ տղան թնկթնկաց․ «Դե, լավ, ներողություն»։ Թոմը նրան բաց թողնելով ասաց․
― Այս քեզ մի լավ դաս։ Մյուս անգամ իմացիր, թե ում հետ գործ ունես։
Անծանոթ տղան հեռացավ, շորերը թափ տալով, հեծկլտալով, քիթը վեր քաշելով ու ժամանակ առ ժամանակ շրջվելով, գլուխն օրորելով և սպառնալով Թոմին թե՝ «Մյուս անգամ կբռնեմ չէ․․․ հախիցդ կգամ»։ Թոմը ինչպես պետք էր ծաղրեց նրան և իր հաղթանակից փքված, տուն գնաց։ Բայց հազիվ էր Թոմը շրջվել, երբ անծանոթ տղան քարով հարվածեց նրա մեջքին, թիակների արանքը և շտապեց փախչել անտիլոպից էլ արագ։ Թոմը ընկավ այդ դավաճանի հետևից մինչև տուն և այդպիսով իմացավ, թե որտեղ է նա ապրում։ Թոմը մի քիչ կանգնեց բակի դռան առաջ, թշնամուն մարտի կանչելով, բայց նա պատուհանից միայն ծամածռություններ էր անում, իսկ դուրս գալու միտք չուներ։ Ի վերջո հայտնվեց թշնամու մայրիկը, Թոմին անվանեց «վատ, փչացած, կոպիտ» և պահանջեց, որ նա կորչի, ուր ուզում է։ Թոմը հեռացավ, բայց հեռանալիս սպառնաց, որ ինքը մոտերքում կթափառի այնքան, մինչև նրա բալիկը տնից դուրս գա։
Նա շատ ուշ տուն վերադարձավ և, զգուշորեն պատուհանից ներս սողոսկելով, նկատեց, որ ծուղակի մեջ է ընկել․ նրա առաջ կանգնած էր մորաքույրը։ Ու երբ մորաքույր Պոլին տեսավ, թե Թոմի շորերը ինչ ողբալի վիճակում են, նրա այն որոշումը, որ տղայի տոնական օրը վերածելու է տաժանակիր աշխատանքի, ադամանդի պես կարծրացավ։
Գլուխ II
Բացվեց շաբաթ օրվա առավոտը։ Ամառային աշխարհում ամեն ինչ շնչում էր թարմությամբ, շողշողում էր և կյանքով եռում։ Ամեն սրտում երաժշտություն էր հնչում, իսկ դա երիտասարդի սիրտ էր, ապա երգը հոսում էր ինքն իրեն։ Բերկրանք կար ամեն դեմքի վրա, և գարուն՝ ամեն մեկի քայլվածքում։ Սպիտակ ակացիան փարթամորեն ծաղկել էր, և օդում ծփում էր անուշահոտությունը։
Կարդիփյան լեռը, որն ամեն տեղից երևում էր, ամբողջովին կանաչել էր և հեռվից թվում էր խաղաղությամբ ու անդորրությամբ լի մի հրաշալի, հրապուրիչ երկիր։
Մայթին հայտնվեց Թոմը, մի ձեռքին՝ կրով լի դույլ, մյուս ձեռքին՝ մի երկար վրձին։ Տղան նայեց ցանկապատին, և նրա սրտից դուրս թռավ ամեն մի ուրախություն։ Խոր թախիծ իջավ տղայի հոգուն։ Ինը ոտնաչափ բարձրություն և երեսուն յարդ երկարություն ունեցող մի ցանկապատ։ Կյանքը նրան անիմաստ, հիմար բան թվաց, գոյությունը՝ բեռ։ Հառաչելով նա վրձինը թաթախեց կրի մեջ և քսեց վերևի տախտակին։ Նորից մի քանի անգամ քսեց, ապա սպիտակ գույնով ներկված այդ աննշան մասը համեմատեց չներկված տախտակների հետ և հուսահատ նստեց տակառի վրա։ Ջրի թիթեղե դույլը ձեռքին, «Բուֆֆալոյի աղջկերք»֊ը երգելով դարպասից դուրս եկավ Ջիմը։ Քաղաքային ջրամբարից ջուր բերելը մինչ այդ Թոմի համար ատելի աշխատանք էր եղել, բայց այժմ դա այնքան էլ վատ չթվաց։ Նա հիշեց, որ ջրհորի մոտ միշտ մեծ բազմություն է հավաքվում։ Այնտեղ միշտ լինում էին սպիտակ, խառնածին ու նեգր տղաներ ու աղջիկներ, որոնք իրենց հերթին սպասելով, հանգստանում էին, խաղալիքների առևտուր անում, կատակում, կռվում, թեթևսոլիկություններ անում։ Եվ նա հիշեց, որ թեև ջրհորը հազիվ հարյուր հիսուն յարդ հեռավորության վրա էր, բայց Ջիմը մի դույլ ջուրը երբեք մի ժամից շուտ չէր բերում, երբեմն նույնիսկ պետք էր լինում նրա հետևից գնալ ու կանչել։
― Լսիր, Ջիմ, ― ասաց Թոմը, ― ես ջուրը կբերեմ, եթե դու իմ փոխարեն մի քիչ սպիտակեցնես։
Ջիմը գլուխն օրորեց և ասաց․
― Չեմ կարող միստեր Թոմ։ Ծեր տիկինն ինձ ասել է ջուրը բերել առանց կանգ առնելու և որևէ մեկի հետ խոսելու։ Նա ասաց․ «Ենթադրում եմ, որ միստր Թոմը քեզ կառաջարկի ցանկապատն սպիտակեցնել» ֊ և ասաց․ «Դու քո ճամփան շարունակիր և գործիդ նայիր»։ Նա ասաց․ «Ես կգամ ու նրա սպիտակեցնելուն կնայեմ»։
― Է, նրա ասածին ուշադրություն մի դարձրու, Ջիմ։ Նա միշտ այդպես է ասում։ Տուր ինձ դույլը, ես մի վայրկյանից կգամ։ Նա իսկի չի էլ իմանա։
― Օ՛հ, չեմ կարող, միստր Թոմ։ Ծեր տիկինը դրա համար գլուխս կթռցնի, հավատա, կթռցնի։
― Նա՞․․․ Նա ոչ ոքի չի ծեծում, նա միայն իր մատնոցով գլխին թխկացնում է, իսկ դա ի՞նչ է որ, ո՞վ է դրան ուշադրություն դարձնում։ Նա միայն սարսափելի բաներ կասի, բայց խոսքը, բոլոր դեպքերում, ցավ չի պատճառում, եթե միայն լաց չլինի։ Ջիմ, ես քեզ մարմարե գնդիկ կտամ, սպիտակ գնդիկ կտամ։
― Ջիմը սկսեց տատանվել։
― Սպիտակ գնդիկը, Ջիմ, դատարկ բան չէ։
― Ո՜ւյ, հրաշալի բան է, ճիշտ է, բայց, միստր Թոմ, ես սարսափելի վախենում եմ ծեր տիկնոջից։
― Եվ բացի դրանից, եթե ուզում ես, ցույց կտամ նաև իմ ոտքի վիրավոր մատը։
Ջիմը պարզապես մարդ էր և այդ մեծ գայթակղությանը չէր կարող դիմանալ։ Նա դույլը դրեց գետին, վերցրեց սպիտակ գնդիկը և մեծ հետաքրքրությամբ սկսեց նայել, մինչ Թոմը քանդում էր վիրավոր մատի կապը։ Մի րոպե հետո դույլը ձեռքին Ջիմը արդեն վազում էր փողոցով։ Թոմը մեծ եռանդով սպիտակեցնում էր ցանկապատը, իսկ մորաքույր Պոլին հեռանում էր հողաթափը ձեռքին և հաղթական արտահայտությունը աչքերում։
Բայց Թոմի եռանդը երկար չտևեց։ Նա սկսեց մտածել այդ օրվա համար իր ծրագրած ուրախությունների մասին, և ցավերը բազմապատկվեցին։ Շուտով տղաները կգնան տարբեր հետաքրքիր տեղեր և աշխարհով մեկ Թոմին կծաղրեն, որ ստիպված է եղել աշխատել։ Այդ միտքը կրակի պես այրում էր նրան։ Նա հանեց իր բոլոր աշխարհիկ գանձերը և սկսեց նայել․ դրանց մեջ կային ջարդված խաղալիքներ, մարմարե գնդիկներ և ամեն տեսակի իրեր։ Դրանք բավական էին փոխանակելու համար, բայց չէր կարելի գոնե կես ժամվա լրիվ ազատություն գնել։ Նա գրպանը դրեց իր աղքատիկ հարստությունը և հրաժարվեց տղաներին կաշառելու մտքից։ Այդ ծանր ու անհուսալի պահին նրա մեջ հանկարծ ոգևորություն ծնվեց։ Մի մեծ, հրաշալի ներշնչանք։ Նա վերցրեց վրձինը և սկսեց հանգիստ աշխատել։ Այդ պահին երևաց Բեն Ռոջերսը, հենց այն տղան, որի ծաղրանքներից Թոմը բոլորից շատ էր վախենում։ Բենը ոչ թե քայլում, այլ թռչկոտում էր, ի ապացույց, այն բանի, որ սիրտը թեթև էր և մեծ հեռանկարներ ուներ այդ օրը։ Նա խնձոր էր ուտում և ժամանակ առ ժամանակ երկար, մելոդիկ սուլում, որին հաջորդում էր ցածր տինկ֊ տանկ֊տանկ, տինկ֊տունկ֊տունկ֊ը, որովհետև նա իրեն շոգենավ էր պատկերացնում։ Մոտենալով, նա քայլերը հանդարտեցրեց, կանգնեց փողոցի մեջտեղում և սկսեց կամաց, զգուշությամբ ու նկատելի ճիգով շուռ գալ, որովհետև այդ պահին նա «Մեծ Միսուրին» էր, ինը ոտնաչափ խորությամբ ջրի մեջ նստած։ Նա միաժամանակ և՛ նավ էր, և՛ նավապետ և՛ ազդանշանի զանգ․ այնպես որ նա իրեն պետք է պատկերացներ սեփական տախտակամածի վրա կանգնած, ինքն իրեն հրամաններ արձակելիս և կատարելիս։
― Կա՛նգ առ։ Տինկ֊ալին֊լին։
Մեքենան կանգ առավ և դանդաղ մոտեցավ մայթին։
― Ե՛տ։ Տինկ֊ալին֊լին։
Նրա թևերը իջան և ձգվեցին կողերին։
― Ետ շարժվիր, դեպի աջ։ Տին֊ա֊լին֊լին։ Չոու֊չոու․․․ չոու։
Նրա աջ ձեռքը մեծ շրջանակներ էր գծում, որովհետև ներկայացնում էր քառասուն ոտնաչափ անիվ։
― Ձախ կողմը թեքիր։ Տին֊ա֊լին֊լին։ Չոու֊չոու֊ոու։
Այժմ նա ձախ ձեռքով շրջանակներ էր գծում։
― Կանգ առ։ Տին֊ա֊լին֊լին։ Կանգ առ։ Շուռ արի։ Քիթը առաջ։ Պարանը գցիր։ Ի՞նչ ես կանգնել։ Բռնիր պարանը։ Օղակը ցցին գցիր։ Բաց թող։ Մեքենան կանգնեց, սըր։ Տին֊ալին֊լին։
― Շտ, շշտ, շտ։ ― Նա ձայնը նմանեցրեց ծորակից եկող շոգու ձայնի։
Թոմը շարունակում էր սպիտակեցնել և ուշադրություն չէր դարձնում շոգենավին։ Բենը մի պահ նայեց, ապա ասաց․
― Հի՛, հի՛։ Կոճղին ես կապված, հա՞։
Ոչ մի պատասխան։ Թոմը արվեստագետի աչքով նայեց իր ներկածին, վրձինը մի թեթև քսեց և ետ գնաց ավելի լավ նայելու։ Բենը նավարկելով մոտեցավ նրան։ Թոմի բերանի ջուրը գնաց խնձորի համար, բայց շարունակեց իր աշխատանքը։ Բենը ասաց․
― Հը, մեր տղա, գործի են լծել, հա՞։
― Ախ, այդ դու՞ ես, Բեն, չնկատեցի։
― Լսիր, ես գնում եմ լողանալու։ Դու չե՞ս ուզում։ Բայց չէ, դու գործ ունես։ Պետք է աշխատես։
Թոմը մի պահ նայեց նրան և ասաց․
― Դու ի՞նչն ես աշխատանք համարում։
― Մի՞թե դա աշխատանք չէ։
Թոմը շարունակեց սպիտակեցնել և անփույթ ասաց։
― Գուցե աշխատանք է, գուցե և ոչ։ Ես միայն այն գիտեմ, որ դա Թոմ Սոյերի սրտին մոտ է։
― Էհ, վերջ տուր։ Հո չես ուզում ասել, որ դա նույնիսկ քեզ դուր է գալիս։
Վրձինը շարունակեց շարժվել։
― Դու՞ր գալ։ Իսկ ինչու՞ պիտի դուր չգա։ Հո ամեն օր տղաներին չի հաջողվում ցանկապատ ներկել։
Դրանից հետո գործը այլ ընթացք ստացավ։ Բենն ընդհատեց խնձոր կրծելը։ Թոմը վրձինը թեթևակի ետ ու առաջ էր տանում, ետ գնում ու նայում արդյունքին, տեղ֊տեղ վրձինի հարված էր տալիս և նորից քննադատաբար նայում։ Բենը, որ հետևում էր նրա յուրաքանչյուր շարժմանը, գնալով ավելի էր հետաքրքրվում, ավելի հմայվում։ Ի վերջո նա ասաց․
― Լսիր, Թոմ, տուր մի քիչ էլ ես ներկեմ։
Թոմը մտածեց, ձևացրեց թե համաձայնում է, բայց միտքը փոխեց։
― Ո՛չ, ո՛չ, Բեն, չի կարելի։ Մորաքույր Պոլին շատ պահանջկոտ է հատկապես հենց այս ցանկապատի նկատմամբ, որովհետև փողոցի վրա է, գիտե՞ս․ եթե հետևի կողմի ցանկապատը լիներ, ուրիշ բան, նա չէր մտածի։ Այո, նա շատ պահանջկոտ է այս ցանկապատի նկատմամբ, շատ մեծ խնամքով պետք է կատարվի։ Ես համոզված եմ, որ հազար, գուցե և երկու հազար տղայից մեկն էլ չկարողանա այնպես անել, ինչպես հարկն է։
Մի՞թե, դե լավ, թույլ տուր գոնե փորձեմ։ Մի քիչ։ Թոմ, եթե ես քո տեղը լինեի, թույլ կտայի։
― Բեն, ես սիրով կթողնեի, ազնիվ խոսք, բայց մորաքույր Պոլին․․․ Ջիմը ուզեց անել, բայց նա չթողեց։ Չե՞ս տեսնում ես ինչքան զգույշ եմ, իսկ եթե թողնեմ ու մի բան պատահի՞ ցանկապատին․․․
― Չէ, չէ, ես շատ զգույշ կլինեմ։ Թույլ տուր մի անգամ փորձեմ։ Լսիր, խնձորիս միջուկը քեզ կտամ։
Դե լավ, վերցրու։ Չէ, Բեն, չէ, մի արա, վախենում եմ։
― Ամբողջ խնձորը կտամ։
Թոմը վրձինը տվեց նրան դժգոհ արտահայտությամբ, բայց սրտում գոհ էր։ Եվ մինչ նախկին «Մեծ Միսուրի» շոգենավն աշխատում ու քրտնում էր արևի տակ, պաշտոնաթող արվեստագետը մոտակա ստվերում, տակառի վրա նստած՝ ոտքերն էր օրորում, խնձորը ծամում և նոր անմեղների համար ծուղակ պատրաստում։ Զոհերն անպակաս էին։ Իրար հետևից տղաներ էին գալիս․ նրանք մոտենում էին Թոմին ծաղրելու մտադրությամբ, բայց հետո խնդրում ցանկապատը սպիտակեցնել։ Երբ Բենը հոգնեց, նրա փոխարեն թղթի մի նոր օդապարիկի դիմաց, ներկելը շարունակեց Բելլի Ֆիշերը, իսկ երբ սա էլ հոգնեց, սատկած մկով, որի ոտքից պարան էր կապված, Ջոնի Միլերը Թոմից գնեց աշխատանքը, և այսպես շարունակվեց մի քանի ժամ։
Իսկ երբ կեսօրն անցավ, առավոտվա աղքատ Թոմը ուղղակի լողում էր հարստության մեջ։ Բացի վերոհիշյալ գանձերից, նա ուներ տասներկու մարմարե գնդիկ, կապույտ ապակու կտոր, որի միջով կարելի էր նայել, փայտե թնդանոթ, ոչ մի բան չբացող մի բանալի, մի կտոր կավիճ, ջրամանի ապակե խցան, մի թիթեղե զինվոր, մի զույգ շերեփուկ, միաչքանի կատվի ձագ, պղնձե բռնակ, մի շան վզնոց՝ առանց շան, դանակի մի կոթ, նարնջի չոր կեղև ու լուսամուտի մի հին, կոտրած շրջանակ։ Ոչինչ չանելով, Թոմը շատ լավ ժամանակ անցկացրեց, իսկ ցանկապատն արդեն ծածկվել էր երեք շերտ ներկով։ Եթե ներկը չսպառվեր, նա քաղաքի բոլոր տղաներին կսնանկացներ։
Թոմը մտածեց, որ աշխարհը, ի վերջո, այնքան էլ դատարկ չէ։ Նա առանց իմանալու, հայտնաբերել էր մարդկային գործողության մի մեծ օրենք՝ որպեսզի երեխան կամ հասակն առած մարդը մի բանի ձգտի, անհրաժեշտ է պարզապես այնպես անել, որ նա դրան դժվարությամբ հասնի։ Եթե Թոմը մեծ և իմաստուն փիլիսոփա լիներ, ինչպես այս գրքի հեղինակը, նա կհասկանար, որ աշխատանքը այն է, ինչ մարդ ստիպված է անել, իսկ խաղը այն է, ինչ մարդ ստիպված չէ անել։ Եվ դա կօգներ նրան հասկանալու, թե ինչու արհեստական ծաղիկ սարքելը աշխատանք է, մինչդեռ Մոնբլանի գագաթը բարձրանալը՝ բավականություն։ Անգլիայում կան հարուստ ջենտլմեններ, որոնք ամռան օրերին ճանապարհորդական քառաձի կառքը իրենք են վարում օրական քսան կամ երեսուն մղոն, որովհետև այդ բանը նրանց վրա զգալի գումար է նստում, բայց եթե այդ ծառայության համար ռոճիկ առաջարկեին, դա կփոխվեր աշխատանքի, և նրանք կհրաժարվեին։
Որոշ ժամանակ էլ Թոմը մտածեց այդ փոփոխության մասին, որը կատարվել էր իր հետ, ապա հարստությունը վերցրեց և ուղղվեց դեպի տուն։
Գլուխ III
Թոմը ներկայացավ մորաքույր Պոլիին, որը նստել էր մի հարմարավետ սենյակի բաց լուսամուտի առաջ․ այդ սենյակը միաժամանակ ննջարան էր, ճաշասենյակ, հյուրասենյակ և գրադարան։ Ամառային թարմ օդը, հանգիստ անդորրը, ծաղիկների բույրն ու մեղուների քնաբեր տզզոցն իրենց ազդեցությունն էին ունեցել, և պառավը ննջում էր ձեռքի կարի վրա, որովհետև մոտը ոչ ոք չկար, բացի կատվից, որն իր հերթին քնել էր նրա գոգին։ Ակնոցը, ապահովության համար, բարձրացրել էր ալեհեր գլխի վրա։ Նա կարծում էր, որ Թոմը վաղուց արդեն փախած կլինի․ դրա համար էլ զարմացավ, որ Թոմը այդպես անվեհեր կերպով իր ձեռքն ընկավ։
Թոմն ասաց․
― Մորաքույր, հիմա կարո՞ղ եմ խաղալու գնալ։
― Ի՞նչ, արդեն վերջացրի՞ր։ Իսկ ինչքա՞ն ես արել։
― Ամբողջ գործն արված է, մորաքույր։
― Թոմ, մի ստիր, չեմ կարող տանել։
― Չեմ ստում, մորաքույր, ամբողջն արված է։
Մորաքույր Պոլին քիչ էր հավատում նման խոսքերին։ Նա գնաց անձամբ տեսնելու և գոհ կլիներ, եթե Թոմի ասածի քսանհինգ տոկոսը գոնե ճիշտ լիներ։ Նա տեսավ, որ ամբողջ ցանկապատը սպիտակեցված է, և ոչ միայն սպիտակեցված, այլև մեծ խնամքով ծեփված է, և նույնիսկ մի տախտակ էլ ավելացված։ Նա ասաց․
― Դե, ես էլ ասելիք չունեմ, Թոմ։ Ուրեմն, դու կարող ես աշխատել, եթե մտքումդ դնես։ ― Բայց անմիջապես մեղմեց գովեստը։ ― Բայց պետք է ասեմ, որ խիստ սակավ է պատահում, երբ դու աշխատելու ցանկություն ես ունենում։ Լավ, գնա խաղա, բայց ժամանակին տուն արի, թե չէ ծեծ կուտես։
Նա այնքան հիացած էր Թոմի աշխատանքով, որ տղային տարավ մառան և ընտրելով ամենալավ խնձորը, տվեց, միաժամանակ խրատ կարդալով, թե ինչքան թանկ ու հաճելի է լինում այն նվերը, երբ դա ձեռք է բերվում ազնվորեն, առանց մեղք գործելու։ Մինչ նա իր խոսքը կավարտեր Սուրբ գրքից բերված մի մեջբերումով, Թոմը մի շաքարահաց թռցրեց։
Հետո նա սենյակից փախավ ու տեսավ, որ Սիդը բարձրանում է երկրորդ հարկի ետևի սենյակը տանող արտաքին սանդուղքով․ հողակոշտերն ամենից հարմար էին, և մի ակնթարթում օդը լցվեց դրանցով։ Սիդի շուրջը կարկուտի պես տեղացին հողակոշտեր և մինչ մորաքույր Պոլին ուշքի կգար և օգնության կհասներ, վեց թե յոթ հողակոշտեր արդեն հասել էին իրենց նպատակին, իսկ Թոմը ցանկապատի վրայով արդեն փախել էր։ Ցանկապատը, անշուշտ, դուռ ուներ, բայց Թոմը, որպես կանոն, միշտ ժամանակ չէր ունենում դրանից օգտվելու։ Այժմ, երբ հաշիվը արդեն մաքրել էր Սիդի հետ՝ սև թելի մասին մորաքրոջը հիշեցնելու և իրեն գլխացավանք պատճառելու համար, Թոմի սիրտը հանգստացավ։
Թոմը տան հետևով անցավ իրենց թաղամասը և դուրս եկավ մի ցեխոտ փողոց, որն անցնում էր մորաքրոջ գոմի մոտով։ Այլևս նա ազատ էր բռնվելու և պատժվելու վտանգից․ նա գնաց դեպի ավանի հրապարակը, որտեղ տղաների երկու «ռազմական» խմբեր նախնական համաձայնությամբ հավաքվել էին կռվելու համար․ Թոմը այս բանակներից մեկի հրամանատարն էր, Ջո Հարպըրը (նրա մտերիմ ընկերը)՝ մյուսի։ Այս երկու մեծ հրամանատարներն իրենց թույլ չէին տալիս անձամբ իրար հետ կռվելու․ դա ավելի հարմար էր փոքրերին։ Նրանք մի թմբի վրա, իրար մոտ նստած, թիկնապահների միջոցով հրամաններ արձակելով, ղեկավարում էին ռազմական գործողությունները։ Երկար ու ծանր պատերազմից հետո Թոմի բանակը մեծ հաղթանակ տարավ։ Հետո հաշվեցին սպանվածներին, գերիներ փոխանակեցին, հաջորդ հանդիպման պայմանների ու վճռական ճակատամարտի օրվա մասին համաձայնության եկան․ դրանից հետո բանակները շարժվեցին ու հեռացան, և Թոմը գնաց տուն։
Անցնելով այն տան առջևով, ուր ապրում էր Ջեֆ Թեչըրը, նա պարտեզում մի անծանոթ աղջիկ տեսավ, մի սիրուն, կապուտաչյա արարած, դեղին մազերը երկու երկար հյուս արած, ամառային սպիտակ շորով և ասեղնագործված տաբատով։ Հաղթանակով պսակված հերոսը գերի ընկավ առանց մի կրակոց արձակելու։ Մի ինչ֊որ Էմի Լոուրենս չքացավ նրա սրտից և նույնիսկ իր հետևից հիշատակ չթողեց։ Թոմը կարծում էր, թե նրան խելագարի նման էր սիրում․ նրան թվում էր, թե սիրում էր պաշտելու աստիճան, բայց պարզվեց, որ նա միայն մի անցողիկ մանրուք է։ Ամիսներով հետապնդել էր նրան և միայն մի շաբաթ առաջ աղջիկը խոստովանել էր, որ սիրում էր իրեն։ Նա աշխարհի ամենաերջանիկ և ամենահպարտ տղան էր միայն յոթ կարճ օրվա ընթացքում, և ահա, մի ակնթարթում, այդ աղջիկը հեռացավ Թոմի սրտից, ինչպես պատահական մի օտարական, որը եկել էր ու գնացել։
Նա հեռվից հիացած նայում էր այս նոր հրեշտակին, մինչև զգաց, որ նա էլ նկատեց իրեն։ Այդ ժամանակ ձևացրեց, թե չի նկատում աղջկա ներկայությունը և սկսեց «ցուցադրել» իր ճարպկությունը, ինչպես ընդունված է տղաների մոտ, որպեսզի նրա հիացմունքը նվաճի։ Որոշ ժամանակ նա շարունակեց իր խենթությունը ու մեկ էլ հանկարծ վտանգավոր ինչ֊որ վարժության կեսին նայեց աղջկա կողմը և տեսավ, որ նա ետ է դարձել և տուն է գնում։ Թոմն ընկճված մոտեցավ ցանկապատին, հենվեց վշտացած, բայց հույս ունենալով, որ նա մի փոքր էլ կմնա պարտեզում։ Աղջիկը մի պահ կանգնեց սանդուղքի վրա, հետո շարժվեց դեպի դուռը։ Թոմը ծանր հառաչեց, երբ նա ոտը դրեց շեմքին․ բայց Թոմի դեմքն անմիջապես փայլեց, որովհետև ներս մտնելուց առաջ ցանկապատի վրայով աղջիկը մի մանուշակ նետեց տղային։ Թոմը վազեց ու կանգ առավ ծաղկից մի քանի քայլ հեռու ու ձեռքը դնելով ճակատին, սկսեց ուշադիր նայել փողոցի կողմը, կարծես ինչ֊որ առանձին հետաքրքրական բան էր կատարվում այնտեղ։ Հետո մի ծղոտ վերցրեց և քթի վրա դնելով, փորձեց հավասարակշռված պահել, հետո գլուխը ետ գցած, այս ու այն կողմ շարժվելով, նա կամաց֊կամաց մոտեցավ ծաղկին։ Վերջապես նա իր բոբիկ ոտքը դրեց ծաղկի վրա, ճկուն մատները փակեց և մի ոտի վրա թռչելով՝ իր գանձը հետը տանելով, հեռացավ ու անհետացավ անկյունում։ Բայց միայն մի րոպե, այնքան, որքան պետք էր բաճկոնը բացելու և ծաղիկը պահելու՝ սրտի մոտ, կամ, հավանաբար, ստամոքսի մոտ, որովհետև նա այնքան էլ ուժեղ չէր անատոմիայից և այդպիսի գործերից շատ չէր հասկանում։
Դրանից հետո նա վերադարձավ ցանկապատի մոտ և մինչև մութն ընկնելը այնտեղ մնաց, առաջվա պես «իրեն ցույց տալով»։ Բայց աղջիկն այլևս չերևաց, թեև Թոմն իրեն մի քիչ մխիթարում էր այն հույսով, որ նա անպայման լուսամուտից տեսնում էր իր տառապանքները։ Ի վերջո, նա տուն գնաց, գլուխը ցնորքներով լիքը։
Ընթրիքի ժամանակ նա այնքան բարձր տրամադրության մեջ էր, որ մորաքույրը զարմացավ․ «Ի՞նչ է պատահել այս երեխային»։ Սիդի վրա հողակոշտեր նետելու համար նրան մի լավ սեղմեցին, բայց նա ոչ մի ուշադրություն չդարձրեց։ Մորաքրոջ քթի տակ նա փորձեց շաքար գողանալ, բայց ձեռքին հարված ստացավ։ Նա ասաց․
― Մորաքույր, երբ Սիդն է թռցնում, նրան իսկի չեք ծեծում։
― Սիդը քեզ նման մարդու չի տանջում, եթե չհսկեմ, դու շաքարամանից դուրս չես գա։
Շուտով մորաքույրը գնաց խոհանոց, և Սիդը գոհ, որ անպատիժ մնաց, ձեռքը երկարեց շաքարամանին։ Այդ ծաղրը անտանելի էր Թոմի համար։ Բայց․․․ շաքարամանը սահեց Սիդի ձեռքից և ընկնելով, ջարդվեց։ Թոմը հրճվանքի մեջ էր, այնպիսի հրճվանքի, որ լեզուն իրեն քաշեց և լռեց։ Նա որոշեց ոչ մի խոսք չասել, նույնիսկ, երբ մորաքույրը ներս մտներ, որոշեց հանգիստ նստել, մինչև որ նա հարցներ, թե ո՞վ է արել այդ չարագործությունը։ Հետո կասեր։ Աշխարհում ոչ մի բան այնքան հաճելի չէր կարող լինել, որքան տեսնելը, թե ինչպես է այդ «օրինակելի»֊ն ծեծի իր բաժինը ստանում։ Նա այնքան ուրախ էր, որ հազիվ էր իրեն զսպում։ Պառավ լեդին վերադարձավ և կանգնեց շաքարամանի կտորների առջև։ Ակնոցի տակից ցասման կայծեր թափվեցին։ Թոմը ինքն իրեն ասաց․ «Սկսվում է»։ Մի ակնթարթ, և նա ընկած էր գետին։ Պատժող ձեռքը բարձրացել էր նորից խփելու, երբ Թոմը բղավեց․
― Սպասեք, սպասեք, ինչու՞ եք ինձ ծեծում։ Դա չէ՞ որ Սիդն է ջարդել։
Մորաքույր Պոլին մի պահ քարացավ, և Թոմն սպասում էր, որ նա կզղջա իր արածի համար։ Բայց երբ մորաքույրը նորից կարողացավ խոսել, ասաց․
― Հըմ, բայց իմ կարծիքավ դու դա իզուր չստացար։ Վստահ եմ, որ իմ բացակայությամբ դու մի ուրիշ չարություն արած կլինես։
Հետո խիղճը տանջեց մորաքրոջը։ Նա ուզում էր մի սիրալիր ու քաղցր բան ասել, բայց մտածեց, որ Թոմը կկարծի, թե նա իրեն մեղավոր է համարում, իսկ դա անկարգություն կլիներ։ Այնպես որ նա գերադասեց լռել և իր գործը շարունակեց տխուր սրտով։ Թոմը վիրավորված՝ մի անկյուն քաշվեց։ Նա գիտեր, որ սրտի խորքում մորաքույրը իր առաջ ծունկի էր գալիս, և այդ գիտակցությունը տղային բավականություն էր պատճառում։ Նա ձևացնում էր, թե այդ բոլորը չի տեսնում։ Գիտեր, որ հաճախ ներողություն խնդրող արցունքոտ հայացքներ են ընկնում իր վրա, բայց նա չէր ուզում նկատել դրանք։ Նա իրեն պատկերացրեց մահամերձ հիվանդ և մորաքույրը իր վրա կռացած, ներման խոսքի սպասելիս․ բայց ինքը դեմքը դեպի պատն է շուռ տալիս և մեռնում է այդ խոսքը չասած։ Այն ժամանակ մորաքույրը ինչպե՞ս կզգար իրեն։ Նա պատկերացրեց, թե ինչպես իրեն խեղդված հանում են գետից ու տուն բերում, մազերը թրջված, փոքրիկ ձեռքերը առհավետ անշարժ և հիվանդ սիրտը՝ հանգստացած։ Մորաքույրն ինչպես կընկնի իր դիակի վրա, և ինչ արցունքներ կհոսեն անձրևի պես։ Նրա շրթունքները կաղոթեն աստծուն, որ իր տղային վերադարձնի, և կխոստանա այլևս երբեք, երբեք չնախատել նրան։ Բայց ինքը պառկած կմնա՝ սառը և գունատ, առանց կենդանության նշան ցույց տալու։ Խեղճ փոքրիկ տառապյալ, որի տանջանքներն իրենց վախճանին են հասել։
Նա այս երևակայական պատկերներից այնքան հուզվեց, որ սկսեց հեկեկալ, աչքերը լցվեցին, և արցունքները քթի ծայրից ցած հոսեցին։ Թոմին այնքան հաճելի էին իր վշտի համար թափած այդ արցունքները, որ նա չէր ցանկանա աշխարհիկ որևէ ուրախություն խառնվեր դրան։ Այդ արցունքները սուրբ էին նրա համար։ Այդ պատճառով էլ, երբ իր ազգականուհի Մերին պարելով ներս մտավ, ուրախ, որ երկարատև բացակայութնունից հետո գյուղից տուն էր վերադարնում, թեև այնտեղ մնացել էր ընդամենը մի շաբաթ, Թոմը տխուր ու մռայլ վեր կացավ և մի դռնից դուրս եկավ այն ժամանակ, երբ մյուս դռնից ներս մտավ Մերին՝ իր հետ բերելով երգ ու արև։ Նա երկար թափառեց, աշխատելով հեռու մնալ այն փողոցից, որտեղ տղաները ընդհանրապես հավաքվում էին և որոնեց մռայլ տեղեր, որոնք համապատասխանում էին նրա տրամադրությանը։ Գետի մեջ մի լաստ կար, որն ասես հրավիրում էր նրան։ Նա նստեց լաստի ծայրին և մտքով խորասուզվեց գետի տխուր անհունության մեջ։ Նա մի պահ միայն ցանկացավ խեղդվել՝ միանգամից, առանց այդ բանը գիտակցելու, առանց անցնելու բնության տված դժվարին ու անսովոր ուղին։ Բայց անմիջապես հիշեց իր ծաղիկը։ Գրպանից հանեց այդ ծաղիկը, որը ճմրթվել և թոշնել էր, և դա ավելի սաստկացրեց նրա վիշտը։ Եվ Թոմը սկսեց մտածել, թե արդյոք նա կխղճա՞ր իրեն, եթե իմանար։ Կարտասվե՞ր արդյոք, կգրկե՞ր և կհանգստացնե՞ր իրեն, թե սառնասրտորեն շուռ կգար, ինչպես ամբողջ դատարկ աշխարհը։ Այս պատկերը Թոմին այնպիսի հաճելի տառապանք պատճառեց, որ նա մտովի սկսեց պատկերացնել տարբեր ձևերով, մինչև հոգնեց։ Ի վերջո, հոգոց հանելով, վեր կացավ և մթության մեջ հեռացավ։
Ժամը ինն անց կեսին, տասի մոտերքը նա հասավ այն փողոցը, որտեղ ապրում էր իր պաշտելի անծանոթը։ Մի պահ սպասեց․ ամբողջովին լսողություն դարձած նրա ականջին ոչ մի ձայն չհասավ։ Երկրորդ հարկի մեծ պատուհանի վարագույրի հետևից մոմի մի աղոտ լույս էր առկայծում։ Այստե՞ղ էր արդյոք սուրբ ներկայությունը։ Նա մագլցեց ցանկապատը, գողի պես անցավ կանաչների ու ծաղիկների միջով, մինչև հասավ այդ լուսամուտի տակ։ Երկար ժամանակ ու հուզումով վեր նայելուց հետո նա պառկեց մեջքի վրա՝ կրծքին պահելով ճմրթված ծաղիկը։ Նա այդպես էլ պիտի մահանա․ բացօթյա, սառը աշխարհում, իր անտուն գլխի վրա ապաստան չունենալով, չունենալով գոնե մտերմիկ մի ձեռք, որ մահվան քրտինքը ճակատից սրբի, չունենալով սիրող մի դեմք, որ խղճալով խոնարհվի իր վրա, երբ վերջին պահը գա։ Կգա երջանիկ առավոտը, և աղջիկը կտեսնի նրա անշունչ դիակը։ Արդյոք մի կաթիլ արցունք կցողե՞ր իր անշունչ մարմնի վրա, պիտի մի փոքր հոգոց հանե՞ր, տեսնելով մի երիտասարդ, փայլուն կյանք այդպես անգթորեն խամրած, այդպես անժամանակ խորտակված։
Լուսամուտը բացվեց, մի սպասուհու կոպիտ ձայնը խզեց սուրբ լռությունը, և ջրի մի հեղեղ ողողեց պառկած մարտիրոսի աճյունը։
Խեղդվող հերոսը միանգամից վեր թռավ։ Լսվեց արձակված քարի հայհոյախառը շվվոց, որին հաջորդեց ջարդված ապակու զնգոցը։ Մի փոքր, անորոշ ստվեր անցավ ցանկապատի վրայով և կորավ մթության մեջ։
Դրանից հետո, երբ Թոմը պառկելուց առաջ ճրագի լույսի տակ ստուգում էր թրջված հագուստները, Սիդը արթնացավ, բայց եթե նա նույնիսկ միտք ուներ «ակնարկներ» անելու, ավելի լավ համարեց լռել և իրեն հանգիստ պահել, որովհետև Թոմի աչքերում սպառնալիք կար։ Թոմը պառկեց առանց աղոթելու․ Սիդը մտքում նշեց այդ զանցանքը ևս։
Գլուխ IV
Արևը ծագեց խաղաղ երկրի վրա և անդորրը գյուղաքաղաքի վերևում շողշողաց որպես օրհնություն։ Նախաճաշից հետո մորաքույր Պոլին բոլորին հավաքեց ընտանեկան աղոթքի։ Աղոթքը սկսվեց Սուրբ գրքից ընտրված հատվածներով, որոնք իրար էին կապված ինքնահնար խոսքերի բարակ շաղախով։ Այդ բոլորի վրա նա արտասանեց Մովսեսյան օրենքի մի խրթին գլուխ, կարծես Սինա լեռան վրա լիներ։
Դրանից հետո Թոմը պատրաստվեց և, այսպես ասած, սկսեց Աստվածաշնչից իր համար նշանակված հատվածները սովորել։ Սիդը օրեր առաջ սովորել էր իր դասը։ Թոմը լարեց իր բոլոր ուժերը հինգ տուն անգիր անելու համար․ նա ընտրեց Լեռան Աղոթքի մի մասը, որովհետև ավելի կարճ տներ չէր գտնում։ Կես ժամ հետո Թոմը տարտամ ու աղոտ գաղափար միայն ուներ իր սերտածի մասին, որովհետև մինչ նրա ուղեղը ճանապարհորդում էր մարդկային մտածողության ընդարձակ դաշտում, ձեռքերը զբաղված էին ուշադրությունը շեղող բաներով։ Մերին վերցրեց գիրքը ստուգելու համար, իսկ Թոմը փորձեց ինչ֊որ կերպ դուրս գալ մշուշի միջից։
― Երանի․․․ի․․․ի․․․
― Հոգով։
― Այո, հոգով։ Երանի հոգով․․․ով․․․ով․․․
― Աղքատներին։
― Երանի հոգով աղքատներին, որովհետև նը․․․ը․․․
― Նրանց։
― Որովհետև նրանց։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանց է պատկանում երկնքի թագավորությունը։ Երանի տանջվողներին, որովհետև նրանք․․․նրանք․․․
―Պի․․․
― Որովհետև նրանք պի․․․
― Պիտ․․․
― Որովհետև նրանք պիտ․․․ Է՜հ, չեմ հիշում, ի՞նչ էր։
― Պիտի։
― Հա, պիտի։ Որովհետև նրանք պիտի․․․ պիտի․․․ ի․ ի․ ի․․․ տանջվեն․․․ ը․․․ ը․․․ Երանի նրանց, որ պիտի․․․ որ պիտի․․․ պիտի տանջվեն, որովհետև նրանք պիտի․․․ պիտի ի՞նչ։ Ինչու՞ չես ասում, Մերի։ Ւնչու՞ ես ինձ ծաղրում։
― Է՜հ, Թոմ, հաստագլուխ խենթուկ, ես քեզ չեմ ծաղրում։ Չեմ էլ մտածում ծաղրել։ Պարզապես պետք է դասդ նորից սովորես։ Մի հուսահատվիր, Թոմ, դու կկարողանաս սովորել, և երբ անգիր անես, ես քեզ մի այնպիսի լավ բան կտա՜մ։ Դե, սկսիր, դու շատ լավ տղա ես։
― Լավ։ Բայց ի՞նչ պիտի տաս։ Մերի, ասա, ի՞նչ։
― Անհոգ եղիր, Թոմ։ Դու գիտես, որ երբ ասում եմ լավ բան է, ուրեմն լավ բան է։
― Մերի, դու ինձ չե՞ս խաբում, չէ՞։ Շատ լավ։ Ես նորից կփորձեմ։
Եվ նա նորից փորձեց։ Հետաքրքրության և խոստացված նվերի կրկնակի ազդեցության տակ նա այնպիսի եռանդով աշխատեց, որ փայլուն հաջողության հասավ։
Մերին նվիրեց նրան երկլեզվանի մի նոր փոքր դանակ, որն արժեր տասներկու և կես սենթ։ Թոմի ուրախությանը չափ չկար, և նա շատ հուզվեց։ Ճիշտ է, դանակը ոչ մի բան չէր կտրում, բայց դա ինչ֊որ խաղալիք չէր, այլ Բարլո ֆիրմայի իսկական դանակ, որից էլ գալիս էր դրա անըմբռնելի հմայքը․ որտեղից էին արևմտյան նահանգների տղաները հնարել, թե այդ ահեղ զենքով կարելի էր այնպիսի բաներ անել, որ իսկական դանակով հնարավոր չէր․ պետք է ենթադրել, որ դա ընդմիշտ անհայտ կմնա։ Թոմը հասցրեց դանակով տաշել բուֆետը և պատրաստվում էր պահարանին հասնել, երբ նրան կանչեցին հագնվելու՝ կիրակնօրյա դպրոց գնալու համար։
Մերին նրան տվեց թիթեղե կոնքը, մի կտոր օճառ, և Թոմը դռնից դուրս եկավ․ նա կոնքը դրեց փոքրիկ նստարանին, օճառը մխրճեց ջրի մեջ և դրեց տեղը։ Հետո թևերը քշտեց, ջուրը զգուշությամբ թափեց գետին և խոհանոց մտնելով, դռան հետևի սրբիչով սկսեց երեսը սրբել։ Բայց Մերին սրբիչը վերցրեց նրա ձեռքից և ասաց․
― Չե՞ս ամաչում, Թոմ։ Դու այդքան վատը չպետք է լինես։ Ջուրը քեզ չի վնասի։
Թոմը մի քիչ շփոթվեց։ Կոնքը նորից լցվեց, և այս անգամ նա կոնքի առաջ մի քիչ կանգնեց՝ վճռականություն հավաքելով։ Նա խոր շնչեց և սկսեց։ Երբ նորից խոհանոց մտավ՝ երկու աչքերը փակ ու ձեռքով սրբիչը փնտրելով, նրա դեմքից օճառաջուր էր թափվում։ Բայց երբ դեմքը դուրս եկավ սրբիչից, գոհացուցիչ վիճակում չէր, որովհետև մաքուր մասը դիմակի նման ծնոտի և երեսի ծայրերին էր հասնում։ Այդ գծից այն կողմ մնում էր չթրջված մի մեծ տարածություն, որ բարձրանում էր ճակատի կողմը և իջնում վզի շուրջը։ Մերին ինքը զբաղվեց նրան լվանալու գործով, և երբ ավարտել էր, Թոմը դեմքի գույնով նման էր մարդու և եղբոր։ Նրա թաց մազերը սանրված էին, և կարճ գանգուրները համաչափ ու հաճելի տպավորություն էին թողնում։ (Թոմը գաղտնի հարթեցրեց գանգուրները ու մազերը կպցրեց գլխին․ նրա մազերը փափուկ ու կանացի էին և այդ պատճառով նա իրեն դժբախտ էր զգում։) Հետո Մերին պահարանից հանեց նրա այն հագուստները, որոնք երկու տարի է ինչ գործածվում էին միայն կիրակի օրերը և պարզապես կոչվում էին «մյուս հագուստները․ դրանից կարող ենք իմանալ նրա հանդերձարանի հարստությունը։ Հագնվելուց հետո Մերին «կարգի բերեց» նաև նրան․ բաճկոնը կոճկեց մինչև վիզը, շապկի լայն օձիքը դարձրեց դեպի ուսերը, հագուստը խոզանակեց և գլխին դրեց հարդե բծավոր գլխարկը։ Այժմ Թոմը շատ կոկետ, բայց անհանգիստ տեսք ուներ և նա իսկապես անհանգիստ էր, որովհետև մաքրությունն ու այդ հագուստը նեղում էին տղային։ Նա հույս ուներ, որ Մերին կմոռանար կոշիկները, բայց հույսը ի դերև ելավ։ Աղջիկը, ինչպես հարկն էր, ճարպով մի լավ մաքրեց դրանք և բերեց։ Թոմը համբերությունը կորցրեց և ասաց, որ նրան միշտ անել են տալիս այն, ինչ ինքը չի ուզում անել։ Բայց Մերին ասաց համոզիչ տոնով․
― Խնդրում եմ, Թոմ, դու խելոք տղա ես։
Եվ Թոմը, տրտնջալով, հագավ կոշիկները։ Մերին շտապ պատրաստվեց, և երեք երեխաները ճանապարհ ընկան դեպի կիրակնօրյա դպրոց, մի վայր, որը Թոմն ատում էր ամբողջ սրտով, բայց Սիդն ու Մերին շատ էին սիրում։
Կիրակնօրյա դպրոցը երեխաներին զբաղեցնում էր ժամը իննից մինչև տասն անց կեսը․ այնուհետև սկսվում էր կիրակնօրյա կրոնական արարողությունը։ Երեխաներից երկուսը սիրով մնում էին աղոթքի, իսկ մյուսը մնում էր ավելի զորեղ պատճառներից ելնելով։ Եկեղեցու կոշտ նստարանները կարող էին տեղավորել շուրջ երեք հարյուր հոգի։ Շենքը փոքր ու պարզ էր, նման փայտե տուփի, որի վրա դրել էին սրածայր զանգակատունը։ Դռան մոտ Թոմը մի փոքր ետ ընկավ և մոտեցավ կիրակնօրյա շորեր հագած ընկերոջը։
― Լսիր, Բիլ, դեղին տոմս ունե՞ս։
― Այո։
― Ի՞նչ ես ուզում դրա դիմաց։
― Ի՞նչ կտաս։
― Մի կտոր լակրիցա և ձկան կարթ։
― Ցույց տուր։
Թոմը ցույց տվեց։ Ընկերը գոհ մնաց, և նրանք փոխանակեցին։ Հետո Թոմը երկու սպիտակ գնդիկը փոխանակեց երեք կարմիր տոմսերի հետ և մի քանի մանր֊մունր բաներ՝ երկու կապույտների հետ։ Նա բռնացրեց նաև ուրիշ տղաների և ավելի քան տասը֊տասնհինգ րոպե շարունակ տարբեր գույնի տոմսեր գնեց։ Նա եկեղեցի մտավ մաքուր և աղմկոտ տղաների ու աղջիկների հետ, մոտեցավ իր աթոռին և սկսեց կռվել առաջին իսկ տղայի հետ։ Ուսուցիչը, մի լուրջ, տաքարյուն մարդ, միջամտեց, բայց երբ նա մի պահ շրջվեց, Թոմը կողքի նստարանից մի տղայի մազերից քաշեց, և երբ սա շուռ եկավ, նա արդեն խորասուզված էր իր գրքի մեջ։ Մի ուրիշ տղայի գնդասեղով ծակեց, որպեսզի լսի նրա «ույ» ասելը․ ուսուցիչը նորից նկատողություն արեց։
Թոմենց դասարանի բոլոր երեխաներն իրար նման էին․ անհանգիտ, աղմկոտ և կռվարար։ Երբ նրանք սկսեցին իրենց դասն արտասանել, նրանցից ոչ մեկն իր անգիրը կատարյալ չգիտեր․ անհրաժեշտ էր բոլորին հուշել։ Ի վերջո, նրանք մի կերպ տակից դուրս եկան, և յուրաքանչյուրը ստացավ իր պարգևը՝ մի կապույտ տոմս, վրան ինչ֊որ խոսքեր Սուրբ գրքից։ Յուրաքանչյուր կապույտ տոմս տրվում էր երկու տողի անգիր արտասանության դիմաց։ Տասը կապույտ տոմսը հավասար էր մի կարմիր տոմսի և կարող էր դրա հետ փոխանակվել։ Տասը կարմիր տոմսը հավասար էր մեկ դեղինի։ Տասը դեղին տոմսի դիմաց դպրոցի դիրեկտորը աշակերտին տալիս է մի հասարակ կազմով աստվածաշունչ (այդ երջանկահիշատակ ժամանակներում գիրքն արժեր քսան սենթ)։ Իմ ընթերցողներից քանի՞սն այդքան աշխատասիրություն և կարողություն կունենան անգիր անելու երկու հազար տող ոտանավոր թեկուզ Դորեի նկարներով զարդարված աստվածաշունչ ստանալու համար։ Իսկ Մերին այս ճանապարհով կարողացել էր ստանալ երկու աստվածաշունչ։ Դա երկու տարվա համբերատար աշխատանքի արդյունքն էր․ իսկ գերմանական ծագումով մի տղա շահել էր չորս կամ հինգ աստվածաշունչ։ Նա մի անգամ երեք հազար տող արտասանել էր առանց կանգ առնելու։ Բայց նրա ուղեղի լարումն այնքան ծանր էր եղել, որ այդ օրվանից նա մի ապուշ էր դարձել։ Այդ դեպքը դպրոցի համար լուրջ դժբախտություն էր, որովհետև մեծ առիթների դեպքում մարդկանց առաջ դիրեկտորը (ինչպես Թոմն էր ասում) միշտ այս տղային մեջտեղ էր հանում «իրեն ցույց տալու համար»։ Միայն չափահաս աշակերտներն էին կարողանում պահել տոմսերը և իրենց համբերատար գործն այնպես շարունակել, որ ավետարան ստանան։ Այդ պատճառով էլ այս մրցանակներից որևէ մեկի հանձնումը մեծ իրադարձություն էր․ հաջողակ աշակերտն այնքան էր մեծարվում ու գովաբանվում, որ յուրաքանչյուր դպրոցական այրվում էր մի քանի շաբաթ փառասիրությամբ։ Թոմի մտավոր ախորժակը հավանաբար ոչ մի անգամ մրցանակների պատճառով չգրգռվեց, բայց նա ի՞նչ խոսք, ամբողջ սրտով մի քանի օր երազում էր այդպիսի հաղթանակ և այն ամբողջ փայլը, որ գալիս էր դրա հետ։
Մինչ այդ դիրեկտորը կանգ առավ ամբիոնի առաջ՝ աղոթագիրքը ձեռքին, ճկույթը էջերի արանքը դրած և պահանջեց, որ ուշադիր լինեն։ Կիրակնօրյա դպրոցի դիրեկտորը, երբ արտասանում էր իր սովորական համառոտ ճառը, անհրաժեշտ է, որ աղոթագիրք ունենա ձեռքին, ինչպես մեներգիչը համերգում՝ նոտայի մի թերթ։ Բայց թե ինչու՞ են այդպես անում, պարզ չէ․ ո՛չ երգարանը, ո՛չ էլ նոտայի թերթը այդ տանջվածներից որևէ մեկը երբեք չի գործածում։
Դիրեկտորը երեսունհինգ տարեկան նիհար մարդ էր, ուներ շեկ մորուք և կարճ, շեկ մազեր։ Նա դնում էր ուղիղ կանգնող օձիք, որի վերևի մասը համարյա հասնում էր ականջներին, իսկ սուր ծայրերը՝ բերանի անկյուններին, մի բան, որ ստիպում էր նրան ուղիղ դիմացը նայել և ամբղջ մարմինը շուռ տալ, երբ անհրաժեշտ էր լինում հայացք գցել որևէ կողմ։ Նրա վիզը փաթաթված էր մի փողկապով, որը բանկի գրության նման լայն ու երկար էր և ուներ ծոպավոր ծայրեր։ Նորաձև կոշիկների քթերը ընդգծված ձևով դեպի վերև էին ցցված՝ դահուկների ծայրերի նման։ Այդ ժամանակվա երիտասարդները դրան հասնում էին երկու ոտքերը համբերությամբ և ջանասիրությամբ ժամերով պատին դեմ տալով։ Միստր Ուոլթըրսը շատ լուրջ տեսք ուներ․ նա շատ անկեղծ և շատ ազնիվ մարդ էր։ Սուրբ իրերը այնպիսի երկյուղածությամբ էր բռնում և այնպես էր առանձնացնում աշխարհիկ բաներից, որ, անկախ իր կամքից, կիրակնօրյա դպրոցում մինչև անգամ խոսում էր ուրիշ ձայնով, ոչ այնպես, ինչպես մյուս օրերը։ Իր ճառը նա այսպես սկսեց․
― Իսկ այժմ, երեխաներ, ես ուզում եմ, որ դուք նստեք ինչքան հնարավոր է ուղիղ ու գեղեցիկ և մեկ կամ երկու րոպե ձեր ամբողջ ուշադրությունը նվիրեք ինձ։ Այդպես։ Ճիշտ այդպես են պահում իրենց լավ աղջիկներն ու տղաները։ Ես մի աղջիկ եմ տեսնում, որը լուսամուտից դուրս է նայում․ երևի կարծում է, թե ես դրսումն եմ, գուցե մի ծառի վրա, և փոքրիկ թռչունների համար ճառ եմ արտասանում։ (Հավանության ծիծաղ)։ Ես ուզում եմ ասել, թե ինչքան լավ եմ զգում, այսպիսի մի վայրում հավաքված տեսնելով շատ մաքուր, փայլուն դեմքեր, որոնք սովորում են ճիշտ գործ անել և բարի լինել։
Եվ այսպես շարունակ։ Անհրաժեշտ չէ ամբողջ ճառը շարադրել այստեղ։ Դա այնպիսին է, որը չի փոխվում և շատ ծանոթ է մեզ բոլորիս։
Ճառի վերջին մասը խանգարվեց մի քանի տղաների կռիվների և չարության պատճառով, ինչպես նաև անհանգիստ շարժումներից և փսփսոցից, որը կամաց֊կամաց տարածվեց և հասավ այնպիսի ապառաժների, ինչպիսիք Սիդն ու Մերին էին։ Բայց հենց որ միստր Ուոլթըրսը մի պահ լռեց, բոլորը միանգամից խաղաղվեցին ու ճառի վերջը լսեցին լուռ երախտագիտությամբ։
Փսփսոցի առիթը բացառիկ մի երևույթ էր․ նոր այցելուների մուտքը․ ներս մտավ դատավոր Թեչըրը, որին ուղեկցում էին զառամյալ մի ծերուկ, միջին տարիքի տպավորիչ, սպիտակող մազերով մի ջենտլմեն և արժանապատվությամբ լեցուն մի տիկին, որն անկասկած վերջինի կինն էր։ Լեդին բռնել էր մի աղջկա ձեռքից։ Թոմը չէր կարողանում տեղը նստել․ հուզված էր և դրա հետ միասին խիղճը տանջում էր նրան։ Նա չէր կարողանում նայել Էմի Լոուրենսի աչքերին, չէր կարողանում տանել նրա սիրող հայացքը։ Բայց երբ տեսավ փոքրիկ նորեկին, մի վայրկյանում նրա սիրտը երջանկությամբ լցվեց։ Հաջորդ պահին ինչքան շնորք ուներ ցույց էր տալիս․ ապտակում էր տղաներին, մազերն էր քաշում, ծամածռություններ էր անում, մի խոսքով, օգտագործում էր իր ամբղջ արվեստը, որ կարող էր հիացնել մի աղջկա և արժանանալ նրա գովասանքին։ Բայց մի բան փչացնում էր նրա ցնծությունը․ իր նվաստացումը այս հրեշտակի այգում։ Բայց այդ հիշողությունը շուտով ավազի նման մաքրվեց նրան տիրող երջանկության քամուց։
Այցելուներին նստեցրին պատվո ամենաբարձր աթոռներին, և հազիվ միստր Ուոլթըրսի ճառը ավարտվեց, դիրեկտորը նրանց ներկայացրեց բոլորին։ Պարզվեց, որ միջին տարիքի անծանոթը մի շատ պատկառելի մարդ էր․ ոչ ավելի, ոչ պակաս, նա օկրուգային դատավորն էր․ ամենամեծ բարձրաստիճան անձնավորությունը, որին մինչ այդ տեսել էին երեխաները։ Նրանք շատ էին ուզում իմանալ, թե ինչ նյութից էր ստեղծված այդ մարդը։ Մի կողմից ուզում էին, որ սա գոռար, մյուս կողմից վախենում էին, որ իսկապես կարող է գոռալ։ Նա Կոստանդնուպոլսից էր եկել, որը տասներկու մղոն հեռու էր․ հետևաբար նա ճանապարհորդել էր և աշխարհ տեսել։ Նույն այդ աչքերը նայել էին օկրուգային դատարանի շենքին, որը, ասում էին, թիթեղե տանիք ուներ։ Տիրող լռությունը և հարգալից նայող աչքերը ցույց էին տալիս, թե այդ մտքերը ինչ պատկառանք էին ներշնչել երեխաներին։ Դա մեծ դատավոր Թեչըրն էր, փաստաբան Թեչըրի եղբայրը։ Ջեֆ Թեչըրը անմիջապես առաջ անցավ այդ մեծ մարդու հետ ունեցած իր ծանոթությունը ցույց տալու և աշակերտների նախանձը շարժելու համար։ Եթե նա կարողանար լսել իր հետևից բարձրացող փսփսուքը, այդ նրան երաժշտություն կթվար։
― Մի նրան նայիր, Ջիմ, նա այնտեղ է գնում։ Տ՛ես, գնում է նրանց ձեռքը սեղմելու։ Սեղմում է նրանց ձեռքը։ Աստված իմ։ Չէի՞ր ուզենա Ջեֆի փոխարեն լինել։
Միատեր Ուոլթըրսն էլ իր հերթին «գործի» անցավ․ պաշտոնական ձևով հրամաններ տվեց, կարծիքներ հայտնեց, սրան֊նրան և բոլորին, հարմար առիթով կամ անառիթ, ուղղություն ցույց տվեց։ Գրադանավարը նույնպես «իրեն ցույց էր տալիս» գրքերը ձեռքին այստեղ֊այնտեղ վազելով, անընդհատ շատախոսելով և աղմկելով, մի բան, որ սիրում են անել փոքր հեղինակությունները։ Երիտասարդ ուսուցչուհիները «իրենց ցույց էին տալիս» քնքշորեն խոնարհվելով դեպի այն չար աշակերտները, որոնց այդ դեպքում հանդիմանում էին, մատ թափ տալիս, սպառնում, իսկ բարիների ուսերը ձեռքով թփթփացնում։ Երիտասարդ ուսուցիչները «իրենց ցույց էին տալիս» փոքր հանդիմանուցյուններ անելով և ամեն կերպ հեղինակություն ցուցաբերելով, իբր թե կարգ ու կանոնին են հետևում։ Հետո ուսուցիչների մեծամասնությունը զբաղվեց ամբիոնի մոտի գրապահարանով և այդ նույն բանը կրկնվեց մի քանի անգամ (անշուշտ շատ սրտնեղությամբ)։ Փոքրիկ աղջիկներն «իրենց ցույց տվին» բազմաթիվ ձևերով, և փոքր տղաները «իրենց ցույց տվին» ժրաջանությամբ, որից օդը լցվեց թղթերով, փսփսոցով ու հրմշտոցով։ Եվ այդ բոլորի վերևվում բազմել էր մեծ մարդը ու ամբողջ դահլիճի վրա ճառագայթում էր դատավորական ժպիտը։ Նա տաքանում էր իր իսկ մեծության արևով։ Նա ևս «իրեն ցույց էր տալիս»։ Մնում էր մի բան, որպեսզի միստր Ուոլթըրսի ցնծությունը դառնար կատարյալ, իսկ դա մրցանակ֊ավետարանի հանձնումը և հրաշքի ցուցադրումն էր։ Բազմաթիվ երեխաներ դեղին տոմսեր ունեին, բայց ոչ մեկի մոտ այնքան չկար, ինչքան հարկավոր էր։ Միստեր Ուոլթըրսն արդեն հարցաքննել էր առջևում նստած մի քամի աստղ֊աշակերտների։ Նա ամբողջ աշխարհը կտար, միայն թե գերմանացի այդ տղան վերագտներ իր բանականության հավասարակշռությունը։
Եվ ահա, ճիշտ այդ պահին, երբ հույսը մեռնում էր, առաջ եկավ Թոմ Սոյերը՝ ձեռքին ինը դեղին, ինը կարմիր և տասը կապույտ տոմս ու մի ավետարան պահանջեց։ Անամպ երկնքում պայթող որոտ էր դա։ Ուոլթըրսը Թոմից այդպիսի պահանջ չէր սպասում գոնե առաջիկա տարվա ընթացքում։ Բայց ինչ կարող էր անել․ այդտեղ էին վավերական տոմսերը և դրանք օրինական էին։ Թոմին կանչեցին վերև, նստեցրին դատավորին և մյուս ընտրյալներին հավասար մի տեղ, մեծ նորությունը պաշտոնապես հայտարարվեց։ Դա վերջին տասը տարվա ամենամեծ անակնկալն էր։ Եվ այնքան խորն էր զարմանքը, որ նոր հերոսին բարձրացրեց, հասցրեց դատավորի աստիճանին, և կիրակնօրյա դպրոցն այս պահին մեկի փոխարեն տեսնում էր երկու հրաշք։ Բոլոր տղաները նախանձից իրենց ուտում էին․ բայց ամենից շատ տառապողները նրաք էին, ովքեր ուշ գլխի ընկան, որ Թոմն իրենց օգնությամբ, տոմսերի առևտուր անելով, հասավ այդ փառքին։ Իրենք իրենց աչքում արհամարելի էին, քանի որ դարձել էին խաբեության զոհեր, խոտի մեջ սողացաղ օձի զոհեր։
Մրցանակը Թոմին հանձնվեց դիրեկտորի այնպիսի զեղումով, որ միայն այսպիսի առիթով կարելի էր արտասանել․ բայց այդ բոլորին պակասում էր ճշմարիտ ներշնչանքը, որովհետև խեղճ մարդու բնազդը նրան ասում էր, որ այստեղ կա մի գաղտնիք, որ հետո գուցե լույս աշխարհ գա։ Պարզապես անբնական էր, որ այս տղան իր ուժերով յուրացրած լիներ Սուրբ գրքի երկու հազար տող իմաստությունը, երբ մի տասներկուսն էլ նրան ուժասպառ կաներ անկասկած։ Էմի Լոուրենսը հպարտ էր, ուրախ և աշխատում էր, որ Թոմը տեսնի իրեն, բայց Թոմը չէր նայում։ Աղջիկը զարմացավ․ նախ մի փոքր մտահոգվեց, հետո մի փոքր կասկած եկավ ու անցավ, նորից եկավ։ Աղջիկն սկսեց շուրջը նայել։ Մի վախեցած հայացք նրան շատ բան ասաց և ապա նրա սիրտը կոտրվեց և նա խանդեց, բարկացավ, արցունքներ երևացին աչքերում, և նա ատեց բոլորին, բոլորից շատ՝ Թոմին։
Թոմը ներկայացվեց դատավորին․ բայց տղայի լեզուն կապ էր ընկել, շունչը կտրվում էր, սիրտը դողում էր, մասամբ այդ մարդու սարսափելի վեհ մեծությունից, բայց գլխավորապես այն պատճառով, որ դա նրա հայրն էր։ Եթե մութ լիներ, տղան ծունկի կգար և կերկրպագեր այդ մարդուն։ Դատավորը ձեռքը դրեց Թոմի գլխին և նրան անվանեց հրաշալի փոքր մարդ և հարցրեց տղայի անունը։ Սա կակազեց, հառաչեց և ի վերջո ասաց․
― Թոմ։
― Է՜, չէ՜, Թոմ չէ, այլ․․․
― Թոմաս։
― Ահա, ճիշտ է։ Դա շատ ճիշտ է, բայց ես կարծում եմ, որ մի ուրիշ անուն էլ կա, որ դու պիտի ասես, չէ՞։
― Ջենտլմենին ասա քո լրիվ անուն֊ազգանունը, Թոմաս, ― միջամտեց Ուոլթըրսը, ― և խոսելիս «սըր» ասա․ մի մոռացիր քաղաքավարության ձևերը։
― Թոմաս Սոյեր․․․ սըր։
― Ճիշտ այդպես, ապրես։ Հրաշալի տղա է, հրաշալի փոքր մարդ։ Երկու հազար տողը շատ֊շատ է, շատ֊շատ։ Եվ դու երբեք մի զղջա այն հոգնության համար, որ կրեցիր դրանք սովորելիս։ Գիտությունը ավելին արժե, քան աշխարհում եղած որևէ այլ բան։ Դրա շնորհիվ են մարդիկ դառնում ավելի մեծ և լավ։ Մի օր դու էլ մեծ մարդ կդառնաս, Թոմաս, և այդ ժամանակ ետ կնայես քո անցած ուղուն ու կասես․ «Սյս բոլորի համար պարտական եմ իմ սիրելի ուսուչիներին, որոնք ինձ սովորեցրին, այդ բոլորի համար պարտական եմ իմ բարի դիրեկտորին, որը քաջալերեց ինձ և հսկեց ինձ վրա, տվեց ինձ մի գեղեցիկ աստվածաշունչ, մի հրաշալի, սիրուն աստվածաշունչ, որպեսզի միշտ պահեմ և մոտս ունենամ, այդ բոլորի համար պարտական եմ լավ դաստիարակության»։ Ահա թե ինչ կասես դու, Թոմաս, և ոչ մի գումարի հետ չես փոխի այդ երկու հազար տողերը, ոչ, իսկապես չես փոխի։ Իսկ այժմ բարի եղիր ինձ և այս լեդիին ասել քո սովորածներից մի քանիսը․ ես գիտեմ, որ կասես, որովհետև մենք հպարտ ենք սովորող տղաներով։ Անշուշտ, դու գիտես Հիսուսի բոլոր աշակերտների անունները։ Առաջին երկուսի անունները չե՞ս ասի։
Թոմը ձգում էր կոճակներից մեկը և նայում ոչխարի պես։ Նա կարմրեց և աչքերը խոնարհեց։ Միստեր Ուոլթըրսի սիրտը կուչ եկավ։ Նա հավատացած էր, որ այդ տղան չէր պատասխանի նույնիսկ ամենապարզ հարցերին։ Ի՞նչ փչեց դատավորի խելքին։ Բայց միստեր Ուոլթըրսը ստիպված էր միջամտել․
― Պատասխանիր ջենտլմենին, Թոմաս, մի վախեցիր։
― Ես գիտեմ, որ ինձ կասի, ― ասաց լեդին։ ― Առաջին երկու առաքյալների անուններն էին․
― Դավիթ և Գողիաթ։
Այդ տեսարանի շարունակության վրա իջեցնենք բարեսրտության վարագույրը։
Գլուխ V
Մոտ ժամը տասն անց կեսն էր, երբ ղողանջեց փոքր եկեղեցու ճաքած զանգը, և ժողովուրդը սկսեց հավաքվել առավոտյան քարոզը լսելու։ Կիրակնօրյա դպրոցի աշակերտները ցրվեցին աղոթարանում և իրենց ծնողների հետ տեղ գրավեցին նստարանների վրա, որպեսզի հսկողության տակ լինեն։ Եկավ մորաքույր Պոլին։ Թոմը, Սիդը և Մերին նստեցին նրա հետ։ Թոմին տեղավորեցին եկեղեցու դասի կողմը, որպեսզի, ինչքան հնարավոր է, հեռու լինի բաց լուսամուտից և ամառային գայթակղիչ տեսարաններից։ Եկեղեցին լցվեց բազմությամբ։ Եկավ ծերունի ու աղքատ փոստապետը, որ անցյալում լավ օրեր էր տեսել, քաղաքագլուխը և իր կինը, քանի որ քաղաքն ուրիշ անօգուտ բաների կողքին քաղաքագլուխ էլ ուներ, հաշտարար դատավորը, այրի տիկին Դուգլասը՝ քառասուն տարեկան մի բարի, գեղեցիկ, առատաձեռն ու հարուստ կին։ Բլրի վրա գտնվող նրա տունը քաղաքի միակ հյուրընկալ պալատն էր, ուր կազմակերպվում էին պարահանդեսներ, որոնցով Սանկտ֊Պիտերսբուրգը կարող էր հպարտանալ։ Եկան հարգարժան մայոր Ուորդը և իր տիկինը, փաստաբան Ռիվերսոնը՝ հեռվից ժամանած մի կարևոր մարդ, տեղական գեղեցկուհին, որին ժապավեններով զարդարված հետևում էին սրտեր այրող դեռատի աղջիկները, քաղաքի բոլոր գրասենյակային երիտասարդ աշխատողները, որոնք մինչ այդ միջանցքներում կանգնած իրենց եղեգնաձողերն էին ծխում։ Յուղված ու փայլեցված այդ բերանբացներն սպասեցին մինչև անցավ վերջին աղջիկը։ Բոլորից հետո եկավ օրինակելի տղան։ Ուիլլի Մանֆերսոնը, այնպիսի հոգատարություն ցուցաբերելով մոր նկատմամբ, կարծես նա ապակուց լիներ։ Այդ տղան միշտ մորն ուղեկցում էր եկեղեցի, և մյուս մայրերը նրանով հպարտանում էին։ Բոլոր տղաները նրան ատում էին, որովհետև շատ բարի էր, և մայրերը նրան միշտ օրինակ էին բերում։ Նրա սպիտակ թաշկինակը կարծես պատահաբար կախված էր հետևի գրպանից, ինչպես լինում էր կիրակի օրերին։ Թոմը թաշկինակ չուներ և թաշկինակ ունեցող տղաներին համարում էր պճնամոլ։
Երբ արդեն բոլորը հավաքված էին, զանգը մի անգամ էլ հնչեց, շտապեցնելով դանդաղաշարժներին ու վարանողներին, և հետո ամբողջ եկեղեցու վրա իջավ մի հանդիսավոր լռություն, որը խզվում էր միայն երգչախմբի անդամների զուսպ ծիծաղից։ Երգչախումբը ամբողջ արարողության ժամանակ շարունակ զուսպ ծիծաղում էր։ Մի ժամանակ եկեղեցական մի երգչախումբ կար, որ վատ չէր դաստիարակված, բայց այժմ մոռացել եմ, թե որտեղ է։ Շատ տարիներ առաջ էր, և ես հազիվ թե որևէ բան հիշեմ դրա մասին։ Բայց կարծում եմ մի ինչ֊որ օտար երկրում էր։
Քարոզիչն սկսեց օրհներգությունը և կարդաց ըմբոշխնելով այն, այնպիսի ձևով, որ շատ հարգի էր երկրի այդ մասում։ Նրա ձայնը հնչեց միջին նոտաներով և աստիճանաբար բարձրացավ այնպես, որ հատուկ շեշտ էր դնում ամենավերջին բառերին, հետո իջավ, կարծես ներքև էր ցատկում։ Մի՞թե պիտի երկինք հառնեմ, հանգիստ առնեմ ծաղկանց գրկում, երբ ամեն մարդ մաքառելով՝ ծով արյան մեջ է նավարկում։
Քարոզիչը համարվում էր հրաշալի ճարտասան։ Նրան միշտ հրավիրում էին եկեղեցու գրական հավաքույթներում բանաստեղծություններ կարդալու։ Երբ ավարտում էր, լեդիները բարձրացնում էին իրենց ձեռքերը, անօգնական գցում ծնկներին և աչքերը հառում վեր ու գլուխները օրորում, կարծես ուզում էին ասել․ «Բառերը չեն կարող արտահայտել այն, ինչ զգում ենք․ դա շատ է գեղեցիկ, շատ գեղեցիկ այս անցողիկ աշխարհի համար»։
Օրհներգությունից հետո գերապատվելի միստր Սպրեգը շրջվեց դեպի հայտարարությունների տախտակը և կարդաց հավաքույթների, ընկերական հանդիպումների և ուրիշ «ծանուցումների» ցուցակները․ նա այնքան մնաց, կարծես այդ ցուցակների ընթերցումը պիտի շարունակվեր մինչև հարության ժամը։ Տարօրինակ մի սովորություն, որը դեռևս շարունակվում է Ամերիկայում, նույնիսկ քաղաքներում, թերթերի առատության այս դարում։ Հաճախ շատ քիչ բանով կարող ես արդարացնել մի սովորություն, մինչդեռ ավելի դժվար է դրանից ազատագրվել։
Իսկ այժմ քարոզիչն աղոթում էր։ Դա մի լավ, երկարաշունչ աղոթք էր, որը մանրամասների մեջ էր մտնում․ գութ էր հայցում եկեղեցու և եկեղեցու փոքր երեխաների համար, ավանի մյուս եկեղեցիների, նահանգի, նահանգի պաշտոնյաների, Միացյալ Նահանգների եկեղեցիների, կոնգրեսի, պրեզիդենտի համար, որոնք լողում են փոթորկոտ ծովերում, միլիոնավոր ճնշվածների համար, որոնք տառապում են եվրոպական միապետների և արևելյան բռնակալների կրնկի տակ, նրանց համար, ովքեր ավետարանի լույսն ունեն, բայց չունեն աչքեր, որ տեսնեն, չունեն ականջներ, որ լսեն, հեռավոր կղզիների անհավատների համար։ Նա աղոթքն ավարտեց աղերսելով, որ իր արտասանած խոսքերը հանդիպեն շնորհի ու ըմբռնման, լինեն բերրի հողի մեջ ընկած սերմեր և ժամանակին լավ բերք տան։ Ամե՛ն։
Նա, հագուստները խշխշացնելով, նստեց։ Ոտքի կանգնած ժողովականները նույնպես նստեցին։ Այն տղային, որի պատմությանն է նվիրված այս գիրքը, աղոթքը դուր չէր գալիս․ նա պարզապես դիմանում էր։ Անգիտակցաբար մտքում կրկնում էր աղոթքի բոլոր մանրամասնությունները։ Չէր լսում, բայց գիտեր այդ եկեղեցականի սովորական ու հին ճանապարհը, և երբ ինչ֊որ փոքր չափով նոր հարց էր մտնում դրա մեջ, տղան ականջները սրում էր և ամբողջ էությամբ զայրանում․ հավելումները նա անարժան և երկրորդական էր համարում։ Աղոթքի կեսին մի ճանճ նստել էր նրա առջևի նստարանի թիկնակին։ Ճանճը տանջում էր տղային․ փոքրիկ տոտիկները հանգիստ իրար քսելով ճանճը գրկում էր գլուխը և այնպես եռանդով մաքրում այն, որ կարծես մարմնից անջատված լիներ։ Երևում էր վզի բարալիկ թելը։ Հետևի տոտիկներով մաքրում, հարթում էր թևերը, ինչպես ֆրակի փեշերը, որպեսզի վրան ավելի լավ նստեն։ Ամբողջ այդ հարդարանքը նա կատարում էր առանց շտապելու, հանգիստ, կարծես գիտեր, որ լրիվ ապահով վիճակում է։ Թեև Թոմի ձեռքերը ճանճ բռնելու համար քոր էին գալիս, նա չէր համարձակվում․ հավատում էր, որ իր հոգին անմիջապես կկործանվեր, եթե այդպիսի բան աներ աղոթքի ընթացքում։ Բայց եզրափակիչ նախադաության հետ Թոմի ձեռքը ինքնաբերաբար առաջ գնաց․ և այն պահին, երբ «ամեն»֊ը լսվեց, ճանճը արդեն ռազմագերի էր։ Մորաքույրը տեսավ այդ արարքը և ստիպեց, որ ճանճը բաց թողնի։
Քարոզիչը կարդաց ավետարանից մի տեքստ և միօրինակ ձայնով սկսեց քարոզը։ Դա այն աստիճան ձանձարալի էր, որ բազմաթիվ գլուխներ դանդաղ սկսեցին իջնել ու ննջել, թեև քարոզիչը մեղավորներին սպառնում էր անշեղ կրակով և ծծմբի կարասով, իսկ ընտրյալների թիվը, ում նա խոստանում էր հավիտենական երանություն, այնքան փոքրացավ, որ հազիվ թե արժեր փրկել։ Թոմը հաշվում էր քարոզի էջերը։ Եկեղեցուց դուրս գալուց հետո նա միշտ գիտեր, թե քանի էջ է ընթերցել, բայց ուրիշ բան չէր իմանում քարոզի մասին։ Այնուամենայնիվ, մի փոքր ժամանակ նա իսկապես հետաքրքրված էր։ Քարոզիչը մեծ ու հուզիչ պատկերով նկարագրեց, թե ինչպես երկրում աստծո թագավորություն է լինելու, բոլոր ազգերը հավաքվելու են, թե ինչպես առյուծն ու ոչխարը պիտի միասին ապրեն, և մի փոքրիկ երեխա պիտի առաջնորդի նրանց։ Բայց այդ պատկերի ամբողջ վերամբարձությունը, բարոյախոսությունը կորած էին տղայի համար․ նա միայն մտածում էր բոլոր ազգերի աչքի առաջ հանդես եկող գլխավոր դերակատարի մասին։ Նրա դեմքը փայլում էր այդ մտքից․ այնպես կուզենար, որ ինքը լիներ այդ տղան, եթե իհարկե, առյուծը ընտանի լիներ։
Թոմի տանջանքները վերսկսվեցին, երբ չոր քարոզն ավարտվեց։ Այժմ նա հիշեց իր ունեցած գանձը և այն դուրս հանեց։ Դա մի խոշոր սև բզեզ էր, ուժեղ ծնոտներով մի «կծան», ինչպես անվանում էր նա։ Բզեզը թանկագին տուփի մեջ էր։ Առաջին գործը, որ բզեզն արեց, տղայի մատը կծելն էր։ Բնական է, որ տղան բզեզը մեջքի վրա գետին շպրտեց և կծված մատը բերանը տարավ։ Բզեզն ընկած տեղում հուսահատ թափահարում էր ոտքերը, բայց ուղղվել չէր կարողանում։ Թոմը նայում էր և ուզում էր վերցնել, բայց ձեռքը չհասավ։ Քարոզով չհետաքրքրվողները փրկություն գտան բզեզի մեջ և նայում էին նրան։ Այդ ժամանակ ամառվա թուլացնող շոգից ծուլացած ու տխուր, գերությունից տանջված, փոփոխություն փնտրող մի թափառական շուն եկեղեցի մտավ։ Նա տեսավ բզեզը, նրա կախ ընկած պոչը բարձրացավ ու ձգվեց։ Նա դիտեց բզեզը, շուրջը պտտվեց, ապահով հեռավորությունից հոտոտեց, նորից շուրջը պտտվեց, ավելի համարձակ դարձավ և ավելի մոտիկից հոտոտեց, ապա բացեց բերանը և փորձեց բռնել․ վրիպեց, մի անգամ էլ փորձեց, մի անգամ էլ․ և սկսեց հաճույք զգալ այդ փոփոխությունից։ Շունը փորի վրա պառկեց, բզեզը քաշեց թաթերի արանքը և շարունակեց իր փորձերը։ Ի վերջո նա ձանձրացավ, դարձավ անտարբեր և անուշադիր։ Նրա գլուխը ծանրացավ, կզակը դանդաղ ցած իջավ և կպավ թշնամուն, որը և կծեց նրան։ Մի կարճ կաղկանձ լսվեց, գլխի սիրալիր հարվածից բզեզը մի քանի յարդ հեռու ընկավ և նորից պառկեց մեջքի վրա։ Մոտիկ եղածները շտկվեցին ներքին հաճույքով, բազմաթիվ դեմքեր հովհարների ու թաշկինակների հետև պահվեցին, և Թոմը լիովին երջանիկ էր։ Շունը շատ հիմար տեսք ուներ և հավանաբար այդպիսին էլ էր, բայց վիրավորանք կար նրա սրտում և վրեժ լուծելու ծարավ։ Նա գնաց դեպի բզեզը և զգուշությամբ վերսկսեց հարձակումը։ Բոլոր կողմերից ցատկելով բզեզի վրա, առջևի թաթերը մի մատնաչափ մոտեցնում էր, մոտիկից ատամներով հարձակվում և գլուխն այնպես թափահարում, որ ականջները շարժվում էին։ Որոշ ժամանակ հետո նորից ձանձրացավ․ փորձեց ինքն իրեն նորից զվարճացնել մի ճանճով, բայց դա գրավիչ չէր․ քիթը գետնին կպցրած հետևեց մի մրջյունի, շուտով հոգնեց դրանից, հորանջեց, հոգոց հանեց, ամբողջովին մոռացավ բզեզը և նստեց վրան։ Հետո մի վայրի կաղկանձյուն լսվեց, և շունն սկսեց դես֊դեն ընկնել։ Կաղկանձյունը շարունակվեց։ Շունն անցավ բեմի առջևով, դռան մոտով, նորից վերադարձավ։ Ցավն այդ շարժումներից ավելանում էր։ Նա սկսեց լույսի արագությամբ իր շուրջը պտտվել։ Ի վերջո, գլուխը կորցրած տառապյալը թռավ իր տիրոջ ծնկներին։ Տերը նրան լուսամուտից դուրս նետեց, և ցավի ձայներն արագորեն մեղմացան ու մարեցին հեռվում։
Մինչ այդ, եկեղեցում եղածների դեմքերը կարմրել էին․ նրանք զսպված ծիծաղից խեղդվում էին, և քարոզը դադարել էր։ Այժմ քարոզն ամփոփվում էր, բայց այն կաղում էր և ընդհատվում, որովհետև տպավորություն գործելու բոլոր հնարավորությունները սպառվել էին։ Քարոզչի ամենաազդու խոսքերին ունկնդիրները, նստարանների թիկունքում թաքնված՝ արձագանքում էին խուլ ծիծաղով, կարծես ծիծաղելի բան էր ասում։ Ամբողջ համայնքի համար մեծ թեթևություն էր, երբ արարողությունը ավարտվեց և արտասանվեց օրհնությունը։
Թոմ Սոյերը տուն գնաց ուրախ, մտածելով, թե ժամերգությունն էլ երբեմն կարող է որոշ գոհունակություն պատճառել, երբ դրա մեջ մի փոքր փոփոխություն է մտնում։ Միայն մի բան էր մթագնում տղայի ուրախությունը։ Նա ուզում էր, որ շունը խաղար իր բզեզի հետ, բայց այդ շունը բզեզը դուրս տանելու ոչ մի իրավունք չուներ։
Գլուխ VI
Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց․ նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները՝ դպրոցում։ Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ․ գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում։
Թոմը պառկած մտածում էր։ Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել․ այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ։ Այստեղ ինչ֊որ անորոշ հնարավորություն կար։ Նա ինքն իրեն ստուգեց։ Ոչ մի տեղը չէր ցավում։ Նորից ստուգեց։ Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց։ Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան։ Թոմը նորից սկսեց մտածել։ Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց։ Վերևի ատամներից մեկը շարժվում էր։ Դա արդեն մեծ բախտ էր։ Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի և դա ցավ կպատճառի։ Նա որոշեց ատամը պահել որպես պահեստի ցավ և ուրիշ պատրվակ փնտրել։ Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորուստավ։ Նա վերմակի տակից հանեց ոտքը, սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը։ Բայց այդ հիվանդուցյան նշանները չգիտեր։ Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ։
Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել։
Թոմն ավելի բարձր տնքաց և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է։
Ոչ մի արձագանք Սիդի կողմից։
Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց։ Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների մի հիանալի շարք արձակեց։
Սիդը շարունակեց խռմփալ։
Թոմի համբերությունն սպառվեց։ Նա կանչեց․ «Սի՜դ, Սի՜դ» և եղբորը շարժեց։ Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ։ Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց։ Թոմը շարունակում էր տնքալ։ Սիդը կանչեց նրան․
― Թո՜մ, լսի՜ր, Թո՜մ։
Պատասխան չկար։
― Լսի՜ր, Թո՛մ, ի՞նչ է պատահել, Թո՛մ։ Նա շարժեց եղբորը, մտահոգ նայելով դեմքին։
Թոմը հառաչեց․
― Թո՜ղ, Սի՛դ, հանգիստ թող ինձ։
― Ի՞նչ է պատահել, Թոմ, գնա՞մ մորաքույրին կանչեմ։
― Ո՛չ, հարկավոր չէ․ գուցե կամաց֊կամաց անցնի։ Ոչ ոքի մի կանչիր։
― Բայց ես պարտավոր եմ։ Այդպես մի՛ տնքա, Թոմ, սարսափելի է։ Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակումն ես։
― Ժամե՜ր, ա՜խ, օ՜հ, ինձ ձեռք մի տուր, Սիդ, սպանում ես։
― Թոմ, ինչու՞ ինձ ավելի շուտ չարթնացրիր։ Օ՜հ, Թո՛մ, մի արա, մարմինս փշաքաղվում է։ Թո՛մ, ի՞նչ է պատահել։
― Ես քեզ ամեն ինչ ներում եմ, Սիդ։ (Տնքոց։) Ամեն ինչ, որ արել ես ինձ։ Ես էլ չեմ լինի․․․
― Օ՜յ, Թոմ, մի՞թե մեռնում ես, Թո՛մ, մի՛ մեռիր, օ՜յ, մի՛ մեռիր։ Գուցե․․․
― Ես բոլորին ներում եմ Սիդ։ (Տնքոց։) Նրանց ասա, Սիդ։ Հետո, Սիդ, իմ լուսամուտի շրջանակը և միաչքանի կատուն տուր այն աղջկան, որը նոր է քաղաք եկել։ Ասա նրան․․․
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր։ Այժմ Թոմն իսկապես տառապում էր, այնպես լավ էր նրա երևակայությունը աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները։
Սիդը սանդուղքից ցած թռավ և ասաց․
― Մորաքույր, արի, Թոմը մեռնում է։
― Մեռնու՞մ է։
― Այո, մի՛ կանգնիր, շտապիր։
― Հիմարություն է, չեմ հավատում։
Բայց և այնպես նա վազեց վերև, Սիդն ու Մերին՝ նրա հետևից։ Պառավի դեմքը սպիտակել էր, շրթները դողում էին։ Երբ հասավ մահճակալին, նա հազիվ կարողացավ արտասանել․
― Թո՛մ, Թո՛մ, ի՞նչ է պատահել քեզ։
― Օ՜հ, մորաքույր, իմ վիրավոր մատը թունավորված է։
Պառավ լեդին ընկավ աթոռին և ծիծաղեց, հետո լաց եղավ, հետո՝ երկուսը միաժամանակ։ Այդ հանգստացրեց նրան, և նա ասաց․
― Թո՛մ, ի՞նչ խաղ խաղացիր գլխիս։ Դե՛, վերջ տուր այդ հիմարությանը, վերջացրու։
Տնքոցները դադարեցին, և ցավը մոտից չքացավ։ Տղան փոքր֊ինչ ամաչեց և ասաց․
― Մորաքույր Պոլի, ինձ թվաց, թե թունավորվել է և այնպես ցավում էր, որ ատամիս ցավը բոլորովին մոռացա։
― Ատա՜մդ։ Ի՞նչ է պատահել ատամիդ։
― Մեկը ցավում է և սարսափելի ցավում։
― Դե՛, դե՛, հերիք է, այդ տնքոցը նորից մի սկսի։ Բերանդ բաց։ Այո, ատամդ իրոք շարժվում է, բայց դրանից չես մահանա։ Մերի, մետաքսե թելը և մի խանձող բեր խոհանոցից։
Թոմն ասաց․
― Խնդրում եմ, մորաքույր, մի քաշիր, այլևս չի ցավում։ Եթե նույնիսկ ցավի, էլ չեմ տնքա։ Խնդրում եմ, մորաքույր, չեմ ուզում տանը նստել և դպրոցից բացակայել։
― Ուրեմն այդպես, հա՞։ Ուրեմն ամբողջ այս աղմուկը նրա համար էր, որ դպրոց չգնայիր և ձու՞կ որսայիր։ Թո՛մ, Թո՛մ, ես քեզ շատ եմ սիրում, իսկ դու ամեն կերպ քո չարություններով աշխատում ես իմ ծերացած սիրտը կոտրել։
Մինչ այդ ատամ քաշելու գործիքները պատրաստ էին։ Ծեր Լեդին մետաքսի թելի մի ծայրը օղակ արեց ու պինդ անցկացրեց Թոմի ատամին, իսկ մյուս ծայրը կապեց մահճակալի ոտքին։ Հետո վերցրեց խանձողը և համարյա կպցրեց տղայի դեմքին։ Եվ ահա ատամը կախված է մահճակալի ոտքից։
Բայց բոլոր փորձությունները իրենց վարձատրությունն ունեն։ Երբ Թոմը նախաճաշից հետո դպրոց գնաց, բոլոր տղաներն սկսեցին նախանձել, որովհետև վերևի ատամների մեջ գոյացած բացը նրան հնարավորություն էր տալիս մի նոր ու հիանալի ձևով թքել։ Նա իր շուրջը հավաքեց բազմաթիվ տղաների, որոնց հետաքրքրում էր այդ երևույթը։ Մի տղա, որ մատը կտրել էր ու մինչ այդ ընդհանուր ուշադրության և հարգանքի կենտրոնում էր գտնվում, հանկարծ իրեն զգաց համակրանքից ու պատվից զրկված։ Նա շատ վշտացավ և արհամարհանքով ասաց, թե մեծ բան չէ Թոմ Սոյերի նման թքելը, բայց մի ուրիշ տղա պատասխանեց․ «Խաղողը խակ է»։ Տղան հեռացավ փառքից զրկված հերոսի նման։
Շուտով Թոմը հանդիպեց գյուղի շրջմոլիկ Հեքլբերի Ֆիննին, հարբեցողի տղային։ Բոլոր մայրերն ամբողջ սրտով ատում էին Հեքլբերիին և միաժամանակ վախենում, որովհետև նա ծույլ, սանձարձակ, գռեհիկ ու վատ տղա էր, մինչդեռ բոլոր երեխաները համակրում էին նրան, սիրում նրա արգելված ընկերությունը, ցանկանում նմանվել նրան։ Թոմը մյուս հարգարժան ընտանիքների տղաների նման նախանձում էր Հեքլբերիի ազատ վիճակին։ Նրան ևս խստորեն պատվիրել էին չխաղալ այդ տղայի հետ։ Հենց դրա համար էլ Թոմը խաղում էր նրա հետ ամեն անգամ, երբ առիթ էր ունենում։ Հեքլբերին միշտ հագնում էր տարեց մարդկանց հնացած հագուստները, որոնք սովորաբար լինում էին պատառոտված և ծածկված տարբեր գույնի բծերով։ Նրա գլխարկը մի մեծ ճմրթված բան էր, որի ծայրից պոկվել, կախ էր ընկնում մի մեծ կտոր։ Բաճկոնը, եթե բաճկոն հագնում էր, համարյա կախվում էր մինչև կրունկները, իսկ ետևի կոճակները տեղավորված էին լինում մեջքից ցած։ Միայն մի ուսակապ էր պահում շալվարը, որի նստատեղը նույնպես կախ էր ընկնում։ Շալվարի ծոպավոր ծայրերը քարշ էին գալիս ցեխի մեջ, եթե վեր չէին ծալվում։
Հեքլբերին թափառում էր ինչպես խելքին փչեր։ Լավ եղանակներին քնում էր դռների առաջ, իսկ ցուրտ օրերին՝ դատարկ տակառներում։ Նա ստիպված չէր դպրոց կամ եկեղեցի գնալ, չուներ տեր ու տնօրեն և ոչ ոքի չէր հնազանդվում։ Նա կարող էր ձուկ որսալու գնալ կամ լողալ երբ և որտեղ ուզենար, մնալ այնտեղ, ինչքան ուզենար։ Ոչ ոք չէր արգելում նրան կռվել․ նա կարող էր ուշանալ ինչքան ուզենար։ Նա միշտ առաջին տղան էր, որ գարնանը բոբիկ էր ման գալիս և վերջինը աշնանը կոշիկ էր հագնում։ Նա երբեք պարտավոր չէր լվացվել կամ մաքուր հագուստ հագնել։ Կարող էր հրաշալի հայհոյել։ Մի խոսքով՝ ամեն ինչ, որ կյանքը թանկագին է դարձնում, այդ տղան ուներ։ Այդպես էր մտածում Սենտ֊Պիտերսբուրգի յուրաքանչյուր հարգարժան ընտանիքի պատկանող լավ դաստիարակված տղա։ Թոմը ողջունեց ռոմանտիկ թափառաշրջիկին։
― Հելլո, Հեքլբեր։
― Բարև քեզ, եթե ուզում ես։
― Այդ ի՞նչ է ձեռքիդ։
― Սատկած կատու։
― Մի տուր տեսնեմ, Հեք։ Տես է, ինչ սիրուն է։ Որտեղի՞ց ես գտել։
― Մի տղայից գնել եմ։
― Ի՞նչ տվիր։
― Մի կապույտ տոմս և սպանդանոցում գտած մի եզան փուչիկ։
― Որտեղի՞ց ճարեցիր կապույտ տոմսը։
― Երկու շաբաթ առաջ Բեն Ռոջերսից գնեցի՝ շրջանակ քաշելու մի ձողով։
― Լսիր, ինչի՞ են պետք սատկած կատուները։
― Ինչի՞․ գորտնուկը բուժում են։
― Հա՞։ Ես ավելի լավ միջոց գիտեմ։
― Գրազ կգամ, որ չգիտես։ Ի՞նչ միջոց։
― Հոտած ջուրը։
― Հոտած ջո՜ւրը։ Հոտած ջուրը դատարկ բան է։
― Դատարկ բա՜ն, դատարկ բա՜ն։ Փորձե՞լ ես։
― Ո՛չ, չեմ փորձել, բայց Բոբ Տանըրը փորձել է։
― Ո՞վ ասաց։
― Նա ինքն է ասել Ջեֆ Թեչըրին, իսկ Ջեֆն ասել է Ջոնի Բեքըրին, Ջոնին ասել է Ջիմ Հոլեսին, Ջիմն ասել է Բեն Ռոջերսին, Բենն ասել է մի նեգր տղայի, իսկ այդ նեգր տղան էլ ինձ է ասել։ Հավատո՞ւմ ես այժմ։
― Է՜, հետո ինչ։ Բոլորն էլ ստում են։ Բոլորը, բացի նեգրից։ Ես նրան չեմ ճանաչում, բայց չեմ տեսել մի նեգր, որ չստի։ Դատարկ բան է։ Այժմ ինձ ասա, թե ինչպես է արել Բոբ Տանըրը, Հեք։
― Դե, մատը թաթախել է փչակում հավաքված անձրևաջրի մեջ։
― Ցերեկը։
― Անշուշտ։
― Դեմքը դեպի ծառի բո՞ւնը։
― Այո, հապա ինչպե՞ս։
― Որևէ բան ասե՞լ է։
― Չեմ կարծում, չգիտեմ։
― Տեսա՞ր․ էլ ինչպես կարող ես հոտած ջրով գորտնուկը բուժել այդքան սխալ ձևով։ Դա ոչ մի օգուտ տալ չի կարող։ Պետք է մենակ գնալ անտառ, գտնել մի տեղ, որտեղ անձրևաջրով լցված փչակ կա և ճիշտ կեսգիշերին, մեջքդ փչակին, ձեռքդ պիտի թաթախես փչակի մեջ և ասես։
Ցորեն֊գարի, ցորեն֊գարի, ալյուր տուր։
Հոտած ջուր, հոտաած ջուր, գորտնուկս առ։
Հետո փակ աչքերով, արագ, տասնմեկ քայլ պիտի հեռանաս, հետո երեք անգամ տեղումդ շուռ գաս և տուն գնաս առանց որևէ մեկի հետ խոսելու։ Որովհետև, եթե խոսես, կախարդանքը կկորչի։
― Այո, երևում է, որ դա լավ ձև է, բայց Բոբ Տանըրի ասած ձևի նման չէ։
― Այո, գրազ կգամ, որ այդպես չի արել, քանի որ քաղաքի ամենաշատ գորտնուկ ունեցող տղան է։ Եվ ոչ մի գորտնուկ չէր ունենա, եթե իմանար հոտած ջրով բուժվելու գաղտնիքը։ Ես ձեռքիցս հազարավոր գորտնուկներ են հանել, Հեք։ Ես այնքան շատ եմ գորտերի հետ խաղում, որ միշտ գորտնուկներ եմ ունենում։ Երբեմն ես դրանք հանում եմ լոբով։
― Այո, լոբին լավ է․ ես այդ արել եմ։
― Ճի՞շտ։ Ինչպե՞ս։
― Վերցնում և լոբին բաժանում ես։ Գորտնուկը կտրում ես այնքան, որ մի քիչ արյուն դուրս գա, հետո արյունը դնում ես լոբու մի կտորի վրա, հետո էլ, կեսգիշերին, նորած լուսնի լույսով փորում ես մի խաչմերուկ և լոբու կեսը թաղում։ Մյուս կեսն այրում ես։ Այն կտորը, որի վրա արյուն կա, կսկսի քաշել, քաշել, փորձելով գտնել մյուս կտորը և այսպես օգնում է, որ արյունը քաշի գորտնուկը։ Շուտով գորտնուկը դուրս է գալիս։
― Այո, այդպես է, Հեք, այդպես է, բայց թաղելիս եթե ասես՝ գնա լոբի, տար գորտնուկը։ Թող նա երբեք չգա ինձ մոտ, ավելի լավ կլինի։ Այդպես է անում Ջո Հարպըրը, իսկ նա համարյա Կունվիլ է հասել կամ եղել համարյա ամեն տեղ։ Բայց լսիր, սատկած կատվով ինչպե՞ս ես բուժում։
― Վերցնում ես քո կատուն և կեսգիշերից առաջ գնում գերեզմանատուն, երբ այնտեղ արդեն թաղված է որևէ մեծ հանցագործ։ Կեսգիշերին կգա մի սատանա, կամ երկուսը, կամ երեքը, բայց դու նրանց չես տեսնի․ կարող ես լսել քամու նման մի ձայն, կամ գուցե նրանց խոսելը, երբ այդ մարդուն տանելիս լինեն։ Քո կատվին դրանց ետևից կուղարկես և կասես․ սատանան հետևում է դիակին, կատուն հետևում է սատանային, գորտնուկը հետևում է կատվին, դուք այլևս ինձ պետք չեք։ Դա կոչնչացնի որևէ գորտնուկ։
― Խելքի մոտ բան է։ Երբևէ փորձե՞լ ես, Հեք։
― Ոչ, ինձ Հռակինս մայրիկն է պատմել։
― Ուրեմն՝ ճիշտ է, որովհետև ասում են, թե նա կախարդ է։
― Ասում են։ Իսկ ես, Թոմ, հաստատ գիտեմ, որ նա կախարդ է։ Նա կախարդել է հորս։ Հայրս ինքն է ասում։ Մի անգամ տուն գալիս նա տեսել է, որ այդ կինն իրեն կախարդում է։ Հայրս մի քար է վերցնում, և եթե տեղից չշարժվեր, նրան կխփեր։ Եվ հենց այդ գիշեր, հայրս հարբած քնած է լինում ծածկի տակ, ընկնում ու ձեռքն է կոտրում։
― Դա սարսափելի է։ Ինչպե՞ս է հայրդ իմացել, որ նա կախարդ է։
― Այ քեզ բան։ Հայրս ասում է, որ դա հեշտ է։ Նա ասում է, եթե քեզ նայում են չռած աչքերով, և եթե միաժամանակ փնթփնթում են, ուրեմն՝ կախարդում են։ Եթե փնթփնթում են, նշանակում է, աստծո աղոթքը հակառակ կողմից են ասում։
― Լսիր, Հեք, ե՞րբ ես փորձելու կատուն։
― Այս գիշեր։ Ես կարծում եմ, որ սատանաներն այս գիշեր ծեր Ուիլյամսի ետևից գալու են։
― Բայց նրան շաբաթ օրը թաղեցին, Հեք։ Շաբաթ օրն իսկ նրան տարած չե՞ն լինի։
― Ինչե՜ր ես ասում։ Ինչպե՞ս կարող էին նրան մինչև կեսգիշեր տանել, իսկ կեսգիշերից հետո արդեն կիրակի էր։ Ես չեմ կարծում, որ սատանաները կիրակի օրերը շրջեն։
― Մտքովս չանցավ։ Այդպես է։ Հեք, թույլ կտա՞ս հետդ գամ։
― Անշուշտ, եթե չես վախենում։
― Վախենա՞լ, չէ մի։ Կմլավե՞ս։
― Այո, իսկ դու պատասխանիր մլավոցով, եթե հնարավոր լինի։ Վերջին անգամ դու ինձ այնքան մլավել տվեցիր, որ ծեր Հեյսը սկսեց քարեր գցել վրաս և ասել․ «Անիծվի այս կատուն»։ Դրա փոխարեն աղյուսով ես նրա լուսամուտը ջարդեցի, բայց ոչ ոքի չասես։
― Չեմ ասի։ Այդ գիշեր ես չկարողացա մլավել, որովհետև մորաքույրս հետևում էր ինձ, բայց այս գիշեր կմլավեմ։ Լսիր, Հեք, դա ի՞նչ է։
― Ոչինչ, այդ տիզ է։
― Որտեղի՞ց ճարեցիր։
― Անտառից։
― Ի՞նչ տամ։
― Չգիտեմ։ Չեմ ուզում ծախել։
― Դե լավ, այնքան էլ փոքր է։
― Էհ, քոնը չէ, դրա համար էլ չես հավանում։ Ես գոհ եմ։ Ինձ ձեռք է տալիս։
― Անտառը լիքը տիզ է։ Կարող են հազարներով բերել, եթե ուզեմ։
― Բա էլ ինչու՞ չես ուզում։ Շատ լավ գիտես, որ չես կարող։ Սա շատ սիրուն տիզ է․ առաջինը, որ այս տարի տեսել եմ։
― Լսիր, Հեք, ատամս կտամ դրա փոխարեն։
― Տուր տեսնեմ։
Թոմը մի թուղթ հանեց և զգուշությամբ բացեց։ Հեքլբերին ուշադիր նայեց։ Փորձությունը շատ մեծ էր։ Ի վերջո, նա ասաց․
― Իսկակա՞ն է։
Թոմը բարձրացրեց շրթունքը և ցույց տվեց ատամի դատարկ տեղը։
― Դե լավ, ― ասաց Հեքլբերին, ― տվեցի։
Թոմը տիզը դրեց տուփի մեջ, որտեղ բզեզն էր բանտարկված, ու տղաները բաժանվեցին, յուրաքանչյուրն իրեն ավելի հարուստ զգալով, քան առաջ։
Հասնելով առանձնացած դպրոցի հին շենքին, Թոմն արագ ներս մտավ, շտապող բարեխիղճ մարդու նման։ Գլխարկը մեխից կախեց և գործնական արագությամբ գնաց դեպի իր նստարանը։ Ուսուցիչը իր բարձր բազկաթոռին թիկնած՝ ննջում էր դաս սերտող աշակերտների մռմռոցի տակ։ Թոմի գալը արթնացրեց նրան։
― Թոմաս Սոյեր։
Թոմը գիտեր, որ երբ իր անունը արտասանվում է լրիվ, դա արդեն գլխացավանք էր։
― Լսում եմ, սըր։
― Այստեղ եկեք։ Իսկ այժմ ասացեք, սըր, ինչու՞ նորից, ըստ սովորության, ուշացել եք։
Թոմն ուզում էր մի սուտ ասելով պրծնել, բայց երբ տեսավ խարտյաշ մազերի երկու հյուս՝ կախված մի մեջքի վրա, որը ճանաչեց սիրո էլեկտրական ուժով, երբ տեսավ, որ դրա կողքին էր աղջիկների շարքի միակ ազատ տեղը, բնազդաբար ասաց․
― Ես կանգնեցի Հեքլբերի Ֆինի հետ խոսելու։
Ուսուցչի շունչը կտրվեց, և նա անօգնական սառեց֊մնաց։ Դաս սովորողների մռմռոցը դադարեց։ Աշակերտները զարմացան․ այս տղան հո խելքը չի՞ կորցրել։ Ուսուցիչն ասաց․
― Դուք․․․ դուք ի՞նչ էիք անում։
― Կանգնեցի Հեքլբերի Ֆինի հետ խոսելու։
Դժվար էր այդ բառերի իմաստը սխալ հասկանալ։
― Թոմաս Սոյեր, դա ամենազարմանալի խոստովանությունն է, որ ես երբևէ լսել եմ։ Այդպիսի անպատկառության համար գավազանը քիչ է։ Հանեցեք ձեր բաճկոնը։
Ուսուցչի ձեռքն այնքան աշխատեց, որ հոգնեց։ Գավազանների կապուկը զգալի չափով պակասեց։ Հետևեց հրամանը․
― Իսկ այժմ, սըր, գնացեք և աղջիկների հետ նստեցեք։ Եվ դա թող ձեզ խրատ լինի։
Սենյակում բարձրացած հռհռոցը կարծես տղային ամոթահար արեց, բայց իրականում շփոթության պատճառն այլ էր։ Նա իր պաշտամունքի առարկայի նկատմամբ զգում էր վախ և երկյուղածություն։ Տղան բախտավոր էր։ Նա նստեց նստարանի ծայրին, իսկ աղջիկը գլուխը թափ տվեց և մի կողմ քաշվեց։ Փսփսոցները, հրմշտոցն ու քմծիծաղներն անցան սենյակով մեկ, բայց Թոմը նստած էր հանգիստ, ձեռքերը երկարած, հայացքը նստարանին, կարծես գիրք էր կարդում։ Աշակերտների ուշադրությունը հետզհետե նրանից հեռացավ, և նորից ծայր առավ դպրոցական սովորական մռմռոցը։ Տղան սկսեց աղջկա կողմը գողունի հայացքներ նետել։ Աղջիկը նկատեց։ Նա դեմքը ծամածռեց և մի րոպեի չափ գլուխը մյուս կողմը շուռ տվեց։ Երբ զգուշությամբ դեմքը շրջեց, իր առջև տեսավ մի դեղձ։ Դեն հրեց։ Թոմը նորից հանգիստ մոտեցրեց։ Աղջիկը նորից հեռացրեց, բայց այս անգամ նվազ թշնամությամբ։ Թոմը համբերությամբ վերադարձրեց այն իր տեղը։ Աղջիկը թողեց, որ մնա։ Թոմն իր գրատախտակի վրա գրեց․ «Խնդրում եմ, վերցրեք, ես էլի ունեմ»։ Աղջիկը նայեց գրածին, բայց ոչ մի նշան ցույց չտվեց։ Տղան սկսեց մի բան գրել գրատախտակի վրա՝ ձախ ձեռքով նկարածը ծածկելով։ Որոշ ժամանակ աղջիկը դա չուզեց նկատել, բայց կանացի հետաքրքրությունը իրեն զգացնել տվեց։ Տղան շարունակեց աշխատել, առերևույթ անտարբեր ձևանալով։ Աղջիկը ակամա շարժում արեց տեսնելու, բայց տղան ցույց չտվեց, թե զգում է։ Ի վերջո աղջիկը տեղի տվեց և վարանելով հարցրեց․
― Թույլ տուր տեսնեմ։
Թոմը մասամբ բաց արեց նկարածը։ Դա թեք տանիքով մի տան ծաղրանկար էր։ Ծխնելույզից ծուխ էր բարձրանում, որը նման էր խցանահանի։ Աղջկա հետաքրքրությունն սկսեց մեծանալ, և նա ամեն ինչ մոռացավ։ Երբ նկարն ավարտված էր, աղջիկը մի պահ նայեց, հետո շշնջաց․
― Լավն է։ Մի մարդ էլ նկարիր։
Նկարիչը բակում մի մարդ նկարեց, որը նման էր ամբարձիչ մեքենայի։ Նա կարող էր տան վրայով քայլել։ Բայց աղջիկը խստապահանջ քննադատ չէր։ Նա գոհ էր այդ հրեշից և փսփսաց․
― Շատ գեղեցիկ մարդ է։ Այժմ ինձ նկարիր նրա կողքին։
Թոմը նկարեց արևի ժամացույց, վերևում լիալուսին, ծղոտե ոտքեր։ Չռած մատների մեջ դրեց մի ահագին հովհար։ Աղջիկն ասաց․
― Սա ավելի լավ է։ Ափսոս, որ նկարել չգիտեմ։
― Հեշտ է, ― փսփսաց Թոմը, ― ես քեզ կսովորեցնեմ։
― Իակապես, ե՞րբ։
― Կեսօրին։ Ճաշին տու՞ն ես գնում։
― Չեմ գնա, եթե ուզում ես։
― Լավ, պայմանավորվեցինք։ Անունդ ի՞նչ է։
― Բեքի Թեչըր։ Քո՞նն ինչ է։ Ասենք գիտեմ․ Թոմաս Սոյեր է։
― Դա այն անունն է, որով ինձ ծեծում են։ Ես Թոմ եմ կոչվում, երբ լավն եմ։ Դու ինձ Թոմ անվանիր, լա՞վ։
― Լավ։
Թոմը նորից սկսեց գրատախտակի վրա ինչ֊որ բան գրոտել, բառերը աղջկանից թաքցնելով։ Բայց այժմ աղջիկն այլևս մի կողմ չէր քաշվում։ Նա խնդրեց ցույց տալ։ Թոմն ասաց․
― Է՜, կարևոր բան չէ։
― Ոչ, ցույց տուր։
― Չէ, դու չես ուզենա տեսնել։
― Ուզում եմ, իսկապես ուզում եմ։ Խնդրում եմ, ցույց տուր։
― Ուրիշներին կասես։
― Չէ, չեմ ասի․ իսկապես, իսկապես, կրկնակի իսկապես, չեմ ասի։
― Ոչ ոքի չե՞ս ասելու․ մինչև մահդ չե՞ս ասի։
― Ոչ, երբեք ոչ֊ոքի չեմ ասի։ Չէ, ցույց տուր։
― Բայց, ախր, նայելու բան չէ։
― Որ այդպես ես անում, կնայեմ, Թոմ։ ― Եվ նա իր փոքր ձեռքը դրեց նրա ձեռքին, և կարճատև պայքար տեղի ունեցավ․ Թոմը ձևացնում էր, թե իբր դիմադրում է, բայց թողնում էր, որ իր ձեռքը աստիճանաբար սահի, մինչև հետևյալ բառերը երևացին․ «Ես ձեզ սիրում եմ»։
― Ա՛խ, ինչ զզվելին ես, և նա պինդ խփեց Թոմի ձեռքին, բայց կարմրեց և այնուամենայնիվ իրեն շոյված զգաց։
Ճիշտ այդ պահին տղան զգաց, որ մի զորավոր ձեռք բռնում է իր ականջից և դանդաղ վեր բարձրացնում։ Ուսուցիչն այդ ձևով, ամբողջ դպրոցի հռհռոցի կրակի տակ, նրան դասարանի միջով տարավ նախկին տեղը։ Ուսուցիչը նրա գլխավերևը կանգնեց մի քանի սարսափելի րոպե և ի վերջո շարժվեց դեպի իր գահը առանց որևէ խոսք ասելու։ Թոմի ականջն այրվում էր, բայց սիրտը ցնծում էր։
Երբ դասարանը հանդարտվեց, Թոմը ազնվորեն ճիգ գործ դրեց պարապելու, բայց նրա ներքին հուզումը շատ մեծ էր։ Ընթերցանության դասի ժամանակ նա բառերը իրար խառնեց, աշխարհագրության դասին լճերը վերածեց լեռների, լեռները՝ գետերի, իսկ գետերը՝ ցամաքամասերի, մինչև աշխարհում նորից քաոս տիրեց։ Թելադրության դասին նա աղավաղեց ամենահասարակ, անգամ երեխաներին հայտնի բառերը։ Նրա ձեռքից վերցրին անագյա այն մեդալը, որը հպարտությամբ մի քանի ամիս կրում էր։
Գլուխ VII
Որքան եռանդով էր Թոմն իր ուշադրությունը կենտրոնացնում գրքի վրա, այնքան նրա մտքերը ցրվում էին։ Ի վերջո, հոգոց արձակելով ու հորանջելով, գրքից ձեռք քաշեց։ Նրան թվում էր, թե կեսօրվա դասամիջոցը երբեք չի գալու։ Օդը վերջնականապես մահացել էր․ ոչ մի շունչ չկար։ Քնաբեր օրերից դա ամենաքնաբերն էր։ Իրենց դասը սերտող քսանհինգ աշակերտների քրթմնջոցները աչքին քուն էին բերում, ինչպես մեղուների բզզոց։ Հեռվում, այրող արևի տակ, Քարտիֆյան բլրալանջերը ցույց էին տալիս իրենց կանաչ կողերը, որոնք հեռվում կարծես օրորվում էին ջերմության քողի տակ։ Մի քանի թռչուն օդում ծուլորեն թափահարում էին իրենց թևերը։ Ոչ մի կենդանի շունչ֊արարած, բացի մի քանի կովից։ Դրանք էլ քնած էին։
Թոմը սրտանց ուզում էր ազատ լինել կամ որևէ հետաքրքիր բան ունենալ ձանձարալի ժամանակն անցկացնելու համար։ Նրա ձեռքը ման եկավ գրպանում, ու դեմքը լուսավորվեց շնորհակալության փայլով, որն աղոթք էր, թեև նա այդ չէր գիտակցում։ Հետո ծածուկ գրպանից հանեց տուփը։ Նա տիզը ազատ արձակեց և դրեց երկար, հարթ գրասեղանին։ Հավանաբար տիզն այդ պահին լցվեց շնորհակալության զգացումով, որը նույնպես աղոթք էր, բայց վաղաժամ, որովհետև, երբ սկսեց մտախոհ ճանապարհորդել, Թոմը գնդասեղով շուռ տվեց նրան և ստիպեց նոր ուղղություն վերցնել։
Թոմի կողքին նստած մտերիմ ընկերը նույնպես ձանձրույթից տառապում էր․ նա խորապես և շնորհակալության զգացմունքով հետաքրքրվեց այդ զբաղմունքով։ Այդ մտերիմ ընկերը Ջո Հարպըրն էր։ Այդ երկու տղաները ամբողջ շաբաթն անբաժան էին, իսկ շաբաթ օրերը՝ ռազմական թշնամիներ։ Ջոն նույնպես մի գնդասեղ հանեց իր լամբակից և սկսեց օգնել նրան՝ ռազմագերուն վարժություններ անել տալու գործում։ Րոպեապես այդ խաղը հետաքրքրական դարձավ։ Շուտով Թոմն ասաց, որ իրար խանգարում են և ոչ մեկը լիակատար հաճույք չի ստանում այդ խաղից։ Նա Ջոյի գրատախտակը դրեց գրասեղանին և դրա կենտրոնից, վերից վար, մի գիծ քաշեց։
― Լսիր, ― ասաց նա․ ― քանի դեռ տիզը քո կողմումն է, կարող ես քշել, և ես չեմ խանգարի, բայց եթե դու թույլ տաս, որ անցնի իմ կողմը, էլ ձեռք չես տա այնքան ժամանակ, ինչքան ես կարողանամ պահել իմ կողմում։
― Շատ լավ, սկսիր։
Տիզը փախավ Թոմից և հասարակածն անցավ։ Ջոն որոշ ժամանակ հալածեց նրան, հետո տիզը նորից անցավ գիծը։ Այդ անցումները հաճախակի էին։ Մինչ մի տղան տիզը քշում էր լարված հետաքրքրությամբ, մյուսը նայում էր նույնքան կլանված։ Երկու տղաների գլուխներն էլ կախվել էին գրատախտակի վրա և երկուսն էլ ուրիշ ամեն ինչի նկատմամբ մեռած էին։ Ի վերջո, բախտը վերջնականապես անցավ Ջոյի կողմը։ Տիզը փորձում էր այս ու այն ուղղությամբ գնալ և տղաների չափ հուզված էր։ Ամեն անգամ, երբ թվում էր, թե Թոմի կողմն էր անցնելու, Ջոյի գնդասեղը ճարպկորեն միջատին իր կողմն էր դարձնում։ Ի վերջո, Թոմի համբերությունը սպառվեց։ Գայթակղությունը շատ ուժեղ էր․ նա ձեռքը երկարեց և գնդասողով տզի առաջը կտրեց։
― Թոմ, հանգիստ․ թող։
― Ուզում եմ մի քիչ քշել, Ջո։
― Դա անազնվություն է, սըր․ հանգիստ թող։
― Է՛, հո շատ երկար չեմ քշի։
― Ասում եմ հանգիստ թող։
― Չեմ թողնելու։
― Կթողնես․ նա իմ կողմումն է։
― Լսիր, Ջո Հարպըր, ո՞ւմն է տիզը։
― Իմ ի՞նչ գործն է, թե ում տիզն է․ իմ կողմում է ու դու ձեռք տալու իրավունք չունես։
― Իսկ ես ձեռք կտամ․ իմ տիզն է և կանեմ ինչ ուզենամ կամ կմեռնեմ։
Մի ուժեղ հարված իջավ Թոմի ուսերին, դրա նման էլ՝ Ջոյի ուսերին, և երկու րոպե շարունակ փոշին շարունակեց բարձրանալ երկու տղաների բաճկոններից։ Ամբողջ դպրոցը վայելում էր այդ տեսարանը։ Տղաները շատ էին զբաղված և չէին զգում, թե ինչ լռություն էր հաստատվել, մինչ ուսուցիչը ոտքի մատների վրա եկել ու կանգնել էր նրանց գլխավերևում։ Նա բավական երկար դիտեց այդ խաղը, մինչև ինքն էլ մասնակցեց և խաղի մեջ փոփոխություն մտցրեց։
Երբ կեսօրին դասամիջոց եղավ, Թոմը վազեց Բեքի Թեչըրի մոտ և նրա ականջին շշնջաց․
― Գլխարկդ դիր և այնպես ձևացրու, թե տուն ես գնում, երբ անկյունը հասնես, մյուսները թող գնան, իսկ ինքդ թեքվիր և նրբանցքով այստեղ վերադարձիր։ Ես ուրիշ ճանապարհով կգնամ և նույն տեղը կվերադառնամ։
Այսպիսով, մեկը մի խմբի հետ դուրս եկավ դպրոցից, մյուսը՝ մի այլ խմբի հետ։ Քիչ անց երկուսը հանդիպեցին մարգագետնում, և երբ հասան դպրոց, մենակ էին։ Նրանք միասին նստեցին, գրատախտակը դրեցին իրենց առաջ, ու Թոմը Բեքիին մի մատիտ տալով բռնեց նրա ձեռքը, ուղղություն տվեց և մի ուրիշ զարմանալի տուն էլ նկարեց։ Երբ արվեստի նկատմամբ հետաքրքրությունն սպառվեց, երկուսով սկսեցին զրուցել։ Թոմը լողում էր երջանկության մեջ։ Նա ասաց․
― Առնետներ սիրու՞մ ես։
― Ոչ, ատում եմ։
― Դե, ես էլ եմ ատում կենդանի առնետներին։ Բայց ես խոսում եմ սատկածների մասին․ կարելի է դրանց վզից թոկ կապել և գլխի շուրջը պտտեցնել։
―Ոչ, ես առնետներ առհասարակ չեմ սիրում։ Ես ծամոն եմ շատ սիրում։
― Այո, ես էլ եմ սիրում, ափսոս ծամոն չունեմ։
― Ճիշտն ասած, ես մի քիչ ունեմ։ Թույլ կտամ, որ ծամես, բայց պիտի վերադարձնես։
Դա հրաշալի էր, նրանք սկսեցին հերթով ծամել և բավականությունից ոտքերը օրորել։
― Երբևէ կրկեսում եղե՞լ ես, ― ասաց Թոմը։
― Այո, իսկ հայրիկը խոստացել է նորից տանել․ եթե խելոք լինեմ։
― Ես երեք֊չորս անգամ եմ կրկեսում եղել, բազմաթիվ անգամներ։ Եկեղեցին կրկեսի հետ չափվել չի կարող։ Կրկեսում միշտ նոր բաներ են լինում։ Երբ մեծանամ, կրկեսի ծաղրածու եմ դառնալու։
― Ճի՞շտ։ Դա լավ է։ Նրանք այնքա՜ն նախշված են լինում։
― Այո, այդպես է։ Եվ շատ փող են աշխատում։ Բեն Ռոջերսը ասում է՝ օրական մեկ դոլար։ Լսիր, Բեքի, երբևէ նշանվե՞լ ես։
― Դա ի՞նչ բան է։
― Նշանված, ամուսնանալու համար խոսք տված։
― Ո՛չ։
― Իսկ կուզեի՞ր։
― Չգիտեմ․ ինչպե՞ս է դա լինում։
― Ինչպե՞ս։ Դա ոչ մի բանի նման չէ։ Դու պարզապես մի տղայի ասում ես, որ երբեք ուրիշ ոչ ոքի հետ չես ամուսնանա, բացի նրանից․ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք․ հետո համբուրում ես, և ամբողջը այդ է։ Որևէ մեկը կարող է այդ անել։
― Համբուրե՞լ, ինչու՞ համբուրել։
― Դե, նրա համար, որ․․․ չգիտեմ, միշտ այդպես են անում։
― Բոլո՞րը։
― Այո, բոլոր սիրահարվածները։ Հիշո՞ւմ ես, թե ես ինչ էի գրել գրատախտակի վրա։
― Ա․․․ այո։
― Ի՞նչ էի գրել։
― Չեմ ասի։
― Ուզո՞ւմ ես, որ ասեմ։
― Ա․․․ Այո, բայց մի ուրիշ անգամ։
― Չէ՛, հիմա։
― Ո՛չ, ո՛չ այսօր, վաղը։
― ՉԷ՛, չէ՛, հիմա։ Խնդրում եմ, Բեքի․ ես կշշնջամ, ես շատ ցածր կփսփսամ։
Բեքին վարանում էր․ նրա լռությունը համաձայնություն համարելով, Թոմը թևը անցկացրեց նրա վզով և ասաց շատ մեղմ, շրթունքները նրա ականջին մոտիկ։ Հետո ավելացրեց․
― Այժմ դու ինձ շշնջա․ ճիշտ նույն ձևով։
Աղջիկը մի պահ դիմադրեց, հետո ասաց․
― Դեմքդ շուռ տուր, որ չկարողանաս տեսնել, հետո կասեմ։ Բայց երբեք ոչ մեկին չպետք է ասես, համաձա՞յն ես, Թոմ։ Չես ասելու, չէ՞։
― Ո՛չ, երբե՛ք, երբե՛ք չեմ ասի։ Դե՛, Բեքի։
Նա դեմքը շուռ տվեց։ Աղջիկը միամտորեն նայեց շուրջը, և նրա շունչը ցնցեց տղայի գանգուրները․ նա շշնջաց․ «Սիրում․․․ եմ․․․ քեզ»։
Հետո վեր թռավ, սկսեց վազել նստարանների միջով, Թոմը նրա ետևից և ի վերջո ապաստանեց մի անկյուն, դեմքը ծածկելով սպիտակ գոգնոցով։ Թոմը բռնեց նրա պարանոցը և խնդրեց․
― Այժմ, Բեքի, ամեն ինչ արված է, ամեն ինչ, բացի համբույրից։ Դրանից մի վախեցիր, դա հասարակ բան է։ Խնդրում եմ, Բեքի։ Եվ նա քաշում էր աղջկա գոգնոցն ու ձեռքերը։
Կաաց֊կամաց Բեքին տեղի տվեց և ձեռքերն իջեցրեց, պայքարից կարմրած նրա դեմքը դուրս եկավ գոգնոցի տակից ու հնազանդվեց։ Թոմը համբուրեց կարմիր շուրթերը և ասաց․
― Այժմ ամեն ինչ արված է, Բեքի։ Սրանից հետո, բացի ինձնից, դու ոչ մեկին չես սիրի և ոչ ոքի հետ չես ամուսնանա, բացի ինձնից, երբեք, երբեք, հավիտյան։ Համաձա՞յն ես։
― Այո, քեզնից բացի, ես ոչ ոքի չեմ սիրի, Թոմ, և ոչ ոքի հետ չեմ ամուսնանա, բացի քեզնից, դու էլ, ինձնից բացի, ոչ ոքի հետ չես ամուսնանա։
― Իհարկե, դա պայմանի մեջ է։ Եվ միշտ, դպրոց գալիս կամ տուն գնալիս, դու ինձ հետ ես քայլելու, երբ նայողներ չկան, խաղերի ժամանակ դու միշտ ինձ ես ընտրելու, ես քեզ, որովհետև նշանվածներն այդպես են անում։
― Ինչ լավ է․ երբեք այդ մասին չեմ լսել։
― Դա շատ հաճելի բան է․ ես ու Էմի Լոուրենսը․․․
Աղջկա լայն բացված աչքերից Թոմն զգաց իր սխալը և կանգնեց շփոթված։
― Օ՜հ, Թոմ, ուրեմն ես առաջինը չեմ, որի հետ դու նշանվել ես։
Աղջիկը սկսեց լաց լինել։ Թոմն ասաց․
― Լաց մի լինի, Բեքի, ես այլևս նրան չեմ սիրում։
― Սիրում ես, Թոմ, ինքդ գիտես, որ սիրում ես։
Թոմը փորձեց գրկել նրա վիզը, բայց աղջիկը նրան հեռացրեց, դեմքը պատին դարձրեց ու շարունակեց լաց լինել։ Թոմը նորից փորձեց փաղակշական խոսքեր ասել, բայց նորից ետ մղվեց։ Այդ ժամանակ նրա հպարտությունն արթնացավ, և նա վիրավորված դուրս եկավ։ Նա կանգնեց, անհանգիստ, ժամանակ առ ժամանակ դռանը նայելով, հույս ունենալով, որ աղջիկը կզղջա ու կգա իրեն գտնելու, բայց նա չեկավ։ Հետո տղան իրեն վատ զգաց և վախեցավ, թե ինքն է մեղավոր։ Ծանր պայքար էր տեղի ունենում նրա մեջ, որպեսզի հաշտվելու առաջին քայլն անի, բայց նա հաղթահարեց այդ զգացումը և ներս մտավ։ Աղջիկը դեռևս կանգնած էր անկյունում, դեմքը պատին դարձրած՝ լաց լինելով։ Թոմի սիրտը փափկեց։ Նա մոտեցավ և մի պահ կանգնեց, չիմանալով, թե ինչպես սկսի։ Հետո ասաց տատանվելով․
― Բեքի, ես քեզնից բացի ոչ ոքի չեմ սիրում։
Ոչ մի պատասխան, միայն արցունք։
― Բեքի, ― աղերսանքով։ ― Բեքի, մի բան չե՞ս ասելու։
Արցունքներն ավելի շատացան։
Թոմը գրպանից հանեց իր ամենաթանկ ապրանքը, թիթեղե փոքրիկ գնդակը և աղջկա աչքի առաջ խաղացնելով, ասաց․
― Խնդրում եմ, Բեքի, չե՞ս ուզում։
Աղջիկը հարվածեց ու գետին գցեց այն։ Այդ ժամանակ Թոմը դպրոցից դուրս եկավ, գնաց դեպի բլուրները և ավելի հեռու, որոշելով այդ օրը այլևս դպրոց չվերադառնալ։ Բեքին այդպես էլ կասկածեց․ նա վազեց դեպի դուռը։ Տղան չէր երևում։ Վազեց դեպի խաղադաշտը։ Թոմն այնտեղ էլ չէր։ Հետո կանչեց․
― Թոմ, վերադարձիր, Թոմ։
Բեքին ուշադիր լսեց, բայց պատասխան չկար։ Նրա շուրջը լռություն ու մենակություն էր։ Նա նստեց նորից լաց լինելու։ Մինչ այդ, դպրոցականները սկսեցին վերադառնալ, ու աղջիկը ստիպված էր վիշտը թաքցնել, հանգստացնել կոտրված սիրտը և անցկացնել երկար, ձանձրալի, ցավ պատճառող հետմիջօրեն, չունենալով ոչ մեկը այդ օտարականների մեջ, որի հետ կարող էր վիշտը կիսել։
Գլուխ VIII
Թոմը մերթ աջ ու մերթ ձախ թեքվելով քայլեց խուլ նրբանցքներով, մինչև հեռացավ այն փողոցից, որով դպրոցականները վերադառնում էին, այնուհետև սկսեց վազել։ Երկու կամ երեք անգամ նա անցավ փոքր գետակը, որովհետև պատանեկան տարիներին, հատուկ սնահավատության համաձայն, գետն անցնելով մարդ խուսափում է հետապնդողներից։ Կես ժամ հետո նա Դուգլասի տան ետևումն էր՝ Քարտիֆ բլրի գագաթին, որտեղից դպրոցը՝ ներքևի հովտում, հազիվ էր նշմարվում։ Նա մտավ մի խիտ անտառ, առանց արահետ որոնելու գնաց մինչև անտառի խորքը և նստեց մի մեծ կաղնու տակ։ Նույնիսկ զեփյուռը չէր փչում այդտեղ, կեսօրվա անշարժ շոգը կաշկանդել էր նույնիսկ թռչունների երգը։ Բնությունը նիրհում էր, և նրա քունը խանգարվում էր միայն հեռվից լսվող փայթփորիկի թխկոցից, որը տիրող լռությունն ու մենակության զգացումն ավելի էր խորացնում։ Տղան ընկավ մելամաղձության մեջ․ նրա զգացումները ներդաշնակում էին շրջապատին։ Արմունկները ծնկներին և կզակը ձեռքերին հենած՝ նա երկար նստեց և տարվեց մտքերով։ Նրան թվաց, թե կյանքը, լավագույն դեպքում, միայն տհաճություն է և համարյա նախանձեց Ջիմի Հոջսին, որը վերջերս էր մեռել։ Պետք է որ լավ բան լինի պառկելն ու հավիտյան երազելը, մտածեց նա, երբ քամին ծառերի արանքից շշնջում ու շոյում է գերեզմանիդ քարն ու ծաղիկները, և դու այլևս ոչինչ չունես տեսնելու և ցավելու համար։ Եթե կիրակնօրյա դպրոցի լավ վկայական ունենար, ապա կուզենար մեռնել և ամեն ինչ վերջացնել։ Ահա, հենց այս աղջիկը։ Ի՞նչ էր ինքն արել։ Ոչինչ։ Աշխարհի ամենալավ բաներն էր ցանկացել նրան, իսկ իր հետ վարվել էին ինչպես շան, իսկական շան հետ։ Մի օր աղջիկը կզղջա, բայց գուցե այն ժամանակ, երբ շատ ուշ կլինի։ Ահ, եթե միայն կարողանար ժամանակավորապես մահանալ։
Բայց երիտասարդի սիրտը հնարավոր չէ երկար ժամանակ սեղմած պահել նույն կաղապարի մեջ։ Շուտով Թոմն սկսեց զբաղվել այս կյանքի հարցերով։ Ի՞նչ կլիներ, եթե ինքը շուռ գար հիմա և խորհրդավոր կերպով անհայտանար։ Ի՞նչ կլիներ, եթե հեռանար, գնար շատ հեռուները, ծովերից այն կողմ գտնվող անհայտ երկրները և այլևս հետ չգար։ Այն ժամանակ իրեն ինչպե՞ս կզգար աղջիկը։ Ծաղրածու լինելու միտքը այժմ նրան լցրեց զզվանքով, որովհետև թեթևամտությունը, կատակները և արտասովոր կապերը վիրավորանք էին, երբ խառնվում էին մի ոգու հետ, որը թևեր էր առել ռոմանտիկայի անորոշ մեծության դիմաց։ Ոչ, նա զինվոր է դառնալու և երկար տարիներ հետո վերադառնալու է պատերազմից հոգնած ու նշանավոր դարձած։ Ոչ, ավելի լավ է, որ նա միանա ամերիկյան հնդիկներին և գոմեշ որսա, գնա լեռների ռազմական ճանապարհով, հեռավոր արևմուտքի անճանապարհ հարթավայրերը, հեռու ապագայում վերադառնա որպես մեծ առաջնորդ՝ փետուրներով զարդարված սարսափելի տեսքով, ներկված, ամառային մի խաղաղ առավոտ հարձակվի կիրակնօրյա դպրոցի վրա և արյունարբու մի ռազմական կանչով զարմացնի, աչքերը լայն֊լայն բացի իր ընկերների առաջ, որոնք սոսկալի կնախանձեն իրեն։ Բայց ոչ, դրանից ավելի մեծ բան կա։ Նա ծովահեն է դառնալու։ Այդ է։ Այժմ իր ապագան արդեն պարզ պատկերացնում է՝ անասելի փառքով լուսավորված։ Ինչպե՜ս իր անունը կթնդա ամբողջ աշխարհում և մարդկանց կդողացնի։ Ի՜նչ փառահեղ տեսքով ինքը կակոսի փոթորկալից ծովերն իր երկար, սև, «Փոթորկի ոգի» նավով, որի կայմի վրա կծածանվի սև դրոշակը։ Եվ փառքի գագաթնակետում ինչպես հանկարծ կհայտնվի իրենց քաղաքում և կքայլի դեպի եղեղեցի՝ ամբողջովին սևացած, քամահար, սև վելվետե թավշյա կամզոլով ու բաճկոնով, երկարաճիտ կոշիկներով, կարմիր ժապավենն ուսին գցած, ատրճանակները գոտու տակ խրած, թափած արյունից ժանգոտած դաշույնը գոտուց կախ, ծածանվող փետուրներով փափուկ գլխարկը գլխին, զանգով ու խաչաձև ոսկորներով զարդարված սև դրոշակը բացած և կլսի զմայլանքի շշնջոցներ․ «Ծովահեն Թոմ Սոյերն է, իսպանական ծովի սև վրիժառուն»։ Այո, վճռված է․ նրա կյանքի ասպարեզը որոշված է։ Նա պիտի տնից փախչի և մտնի մի նոր կյանք։ Հաջորդ օրվա առավոտվանից պետք է սկսել։ Ուրեմն պետք է պատրաստվել։ Նա իր միջոցները մի տեղ կհավաքի։
Նա գնաց ծառի մի փտած գերանի մոտ և սկսեց դրա տակը փորել իր լայնաբերան դանակով։ նա շուտով դեմ առավ մի փայտե իրի, որը դատարկ ձայն հանեց։ Ձեռքը կոխեց այդտեղ և տպավորիչ կերպով արտասանեց կախարդանքի խոսքերը․
«Ինչ չկա այստեղ, թող հայտնվի, ինչ այստեղ է, թող մնա այստեղ»։
Հետո նա հողը մաքրեց և դուրս հանեց մի մայրի փայտի տուփ։ Նա վերցրեց այն և գտավ մի գանձարկղ, որի կողքերին ու տակը մանր խճեր կային։ Տուփի մեջ մի մարմարե գնդիկ կար։ Թոմի զարմանքը անսահման էր։ Նա գլուխը տարակուսանքով տարուբերեց և ասաց։
― Սա ուղղակի հրաշք է։
Թոմը զայրույթով դեն գցեց գնդակը և սկսեց մտածել։ Ճշմարտությունն այն էր, որ իր և իր ընկերների կողմից անխախտ համարվող մի ավելորդապաշտություն խախտված էր։ Եթե դու մի գնդակ էիր թաղում անհրաժեշտ կախարդանքի խոսքերով և երկու շաբաթ թողնում այդտեղ ու այն բացում կախարդանքի խոսքերով, որ նա հենց նոր արտասանել էր, քո բոլոր կորցրած գնդակները պիտի այդտեղ գտնեիր հավաքված, անկախ նրանից, թե ինչքան հեռու վայրերում նրանք կորած լինեին։ Իսկ այժմ այդ բանն անհաջող անցավ։ Թոմի հավատքի ամբողջ կառուցվածքը հիմքից խախտված էր։ Նա միշտ լսել էր, որ այդ բանը հաջողվում է։ Դրա ձախողման մասին ոչ մի անգամ չէր լսել։ Նա մոռացել էր, որ ինքը մի քանի անգամ փորձել էր, բայց երբեք չէր գտել իր պահած տեղը։ Որոշ ժամանակ նա մտածեց այդ մասին և ի վերջո որոշեց․ ինչ֊որ կախարդ միջամտել է և կախարդանքը խափանել։ Նա ուզում էր վերջնականապես համոզվել այդ բանում։ Փորձեց ու գտավ մի ավազոտ մաքուր տեղ, որի մեջտեղում ձագարի նման փոս կար։ Շուրթերը մոտեցրեց այդ ձագարին և բղավեց․
Մրջնառույծ, ասա ինձ, ինչ ուզում եմ իմանալ։
Մրջնառույծ, ասա ինձ, ինչ ուզում եմ իմանալ։
Ավազը սկսեց շարժվել, փոսից դուրս եկավ մի փոքրիկ բզեզ և վախեցած իսկույն պահվեց։
― Չի ասում, ուրեմն՝ կախարդն է արել։ Այդպես էլ գիտեի։
Թոմը լավ գիտեր, որ կախարդի հետ չափվելը անօգուտ է, հետևաբար հուսահատված ձեռք քաշեց։ Հետո մտածեց, որ այնուամենայնիվ կարող էր վերցնել հենց նոր դեն նետած մարմարե գնդիկը։
Նա գնաց և համբերատար կերպով փնտրեց։ Բայց չկարողացավ գտնել։ Հետո վերադարձավ գանձի տեղը և կանգնեց ճիշտ այնպես, ինչպես կանգնել էր գնդիկը նետելու ժամանակ։ Գրպանից մի ուրիշ գնդիկ հանեց և նույն ձևով գցեց, ասելով․
― Եղբա՛յր, գնա՛, գտի՛ր քո եղբորը։
Նա նայեց, թե ուր է ընկնում գնդիկը և գնաց այնտեղ։ Բայց ըստ երևույթին նախորդն ավելի մոտ կամ ավելի հեռու էր ընկել։ Նա երկու անգամ էր փորձեց։ Վերջին փորձը հաջող էր։ Երկու գնդիկներն իրարից մի ոտնաչափ հեռու ընկած էին։
Ճիշտ այդ պահին անտառի եզրից լսվեց թիթեղե խաղալիք շեփորի մի թույլ ձայն։ Թոմն արագ հանեց բաճկոնն ու շալվարը, ուսակապը գոտի դարձրեց, փտած ճյուղը մի կողմ հրեց, ինչ֊որ տեղից հանեց կոպիտ սարքած մի նետ ու աղեղ, մի թիթեղե խաղալիք շեփոր, սպառազինվեց և մերկ ու բոբիկ առաջ նետվեց։ Նա կանգ առավ մի մեծ թզենու տակ, պատասխան ազդանշան տվեց և հետո սկսեց ոտքի մատների վրա, շուրջը նայելով, զգուշորեն առաջ շարժվել։ Նա հրամայեց իր երևակայական վաշտին․
― Կանգնեցե՛ք, իմ քաջե՛ր, թաքնվեցե՛ք, մինչև փող փչեմ։
Երևաց Ջո Հարպըրը, Թոմի նման թեթև հագնված և նույնպես զինված։ Թոմը գոռաց․
― Կանգնի՛ր, ո՞վ է համարձակվում առանց իմ թույլտվության Շերվուդի անտառը մտնել։
― Գայ Գիզբորնը ոչ ոքի թույլտվության կարիքը չունի։ Ո՞վ ես դու, որ․․․ որ․․․
― Որ համարձակվում ես այդպես խոսել, ― ասաց Թոմը շտապ, որովհետև նրանք խոսում էին «գրքի խոսքերով», հիշողությամբ։
― Ո՞վ ես դու, որ համարձակվում ես այդպես խոսել ինձ հետ։
― Ով եմ ե՞ս։ Ես Ռոբին Հուդն եմ, դրանում շուտով կհամոզվի քո ստոր դիակը։
― Ուրեմն դու այն նշանավոր ավազա՞կն ես։ Ես ուրախությամբ կչափվեմ սուրբ անտառի մուտքի համար։ Պատրաստվիր։
Նրանք մերկացրին իրենց փայտե սրերը, մյուս զենքերը գցեցին գետին, դեմ֊դիմաց դիրք գրավեցին և սկսեցին մի աչալուրջ, կանխամտածված պայքար՝ երկու հարված վերև, երկու հարված ներքև։ Հետո Թոմն ասաց․
― Դե որ պիտի կռվենք, իսկականից կռվենք։
Նրանք սկսեցին եռանդով կռվել ու քրտնեցին։ Ի վերջո Թոմը բղավեց․
― Ընկիր, ընկիր, ինչու՞ չես ընկնում։
― Չեմ ընկնի, ինչո՞ւ դու չես ընկնում․ քո դրությունն ավելի վատ է։
― Դա ոչինչ չի նշանակում։ Ես չեմ կարող ընկնել․ դա գրքում գրվածի պես չէ։ Գիրքն ասում է․ «Հետո մեջքին հասցված մի հարվածով նա գետին գլորեց խեղճ Գայ Գիզբորնին»։ Դու պետք է շուռ գաս, որ մեջքիդ հարվածեմ։
Հեղինակություններից չես կարող փախչել․ Ջոն դարձավ, հարվածն ստացավ և ընկավ։
― Այժմ, ― ասաց Ջոն վեր կենալով, ― դու պետք է թողնես, որ քեզ սպանեմ․ դա արդարացի կլինի։
― Ես այդ անել չեմ կարող։ Գրքում այդ չկա։
― Բայց դա ազնիվ բան չէ․ ահա թե ինչ։
― Դե լավ, Ջո, դու կարող ես Պեկ աբեղան լինել կամ ջրաղացպանի որդի Միլլերը և դագանակով խփել։ Կամ ես կլինեմ Նաթհինգամի շերիֆը, իսկ դու որոշ ժամանակով Ռոբին Հուդը և ինձ սպանել։
Դա գոհացուցիչ էր, և այդ սխրագործությունը շարունակվեց։ Հետո Թոմը նորից Ռոբին Հուդ դարձավ և թույլ տվեց, որ արյունաքամ լինի դավաճան միանձնուհու կողմից վերքը վատ կապելու պատճառով։ Ի վերջո, Ջոն, որ ներկայացնում էր ողբացող ավազակների մի ամբողջ խումբ, տխրությամբ նրան մի կողմ քաշեց, աղեղը հանձնեց նրա թույլ ձեռքերին, և Թոմն ասաց․ «Որտեղ որ այս նետը ընկնի, այնտեղ թաղեք խեղճ Ռոբին Հուդին, կանաչ ծառի տակ»։ Հետո Թոմն արձակեց նետը և գետին ընկավ։ Նա պետք է մեռներ, բայց եղինջը կծեց նրա վիզը, և նա վեր թռավ դիակի համար անսովոր արագությամբ։
Տղաները հագնվեցին, թաքցրին իրենց զենքերը և գնացին վշտանալով, որ այլևս ավազակներ չեն։ Նրանք մտածում էին, թե ինչ կարող էր տալ ժամանակակից քաղաքակրթությունը իրենց այդ կորստի դիմաց։ Նրանք ասացին, որ կնախնտրեին մի տարի Շերվուդի անտառում ավազակ լինել, քան Միացյալ Նահանգների պրեզիդենտ՝ առհավետ։
Գլուխ IX
Այդ երեկո, ըստ սովորության, Թոմն ու Սիդը քնելու ուղարկվեցին ժամը ինն անց կեսին։ Նրանք աղոթեցին, և շուտով Սիդը քնեց։ Թոմն արթուն պառկած սպասում էր տագնապալից անհամբերությամբ։ Երբ նրան թվաց, թե համարյա լուսաբաց է, լսեց ժամացույցի տասը զարկ։ Դա հուսահատական էր․ նա ուզեց վեր կենալ ու անհամբերությունից շարժումներ անել։ Գրգռված ջղերը այդպես էին պահանջում։ Բայց վախեցավ Սիդին արթնացնելուց, անշարժ պառկեց և նայեց մթությանը։ Ամեն ինչ ծանր լռության մեջ էր։ Կամաց֊կամաց սկսեցին լսելի դառնալ անորսալի ձայներ, ժամացույցի թիք֊թաքը իրեն զգալ տվեց։ Հին գերաններ սկսեցին խորհրդավոր կերպով ճարճատել։ Սանդուղքները թույլ ճռռացին։ Անկասկած, ոգիները շրջում էին։ Մորաքույր Պոլիի սենյակից լսվում էին թույլ ու համաչափ խռմփոցներ։ Այնուհետև սկսվեց ծղրիդների հոգնեցուցիչ ճռռոցը, որի տեղը մարդկային ոչ մի հնարամտություն չէր կարող որոշել։ Ապա լսվեց ժամագործ բզեզի թիք֊թաքը պատի մեջ՝ մահճակալի գլխավերևում, որից Թոմը սառսռաց։ Դրան հաջորդեց մի շան հեռավոր ոռնոցը, որին արձագանքեց մի ուրիշ թույլ ոռնոց, ավելի հեռվից։ Թոմը մղձավանջի մեջ էր։ Ի վերջո, նա զգաց, որ ժամանակը դադարեց գոյություն ունենալուց, և սկսվեց հավիտենականությունը։ Հակառակ իր կամքի՝ նա սկսեց ննջել։ Ժամացույցը տասնմեկը խփեց, բայց Թոմը չլսեց։ Հանկարծ, կիսաերազի մեջ, նա լսեց կատվի տխուր մլավոց։ Մոտիկ տեղում լուսամուտը թրխկաց։ Ինչ֊որ ձայն կանչեց․ «Կորի սատանա»։ Մի դատարկ շիշ խփվեց մորաքրոջ պատին, և Թոմը միանգամից արթնացավ։ Նա վայրկենապես հագնվեց և լուսամուտից դուրս եկավ։ Չորեքթաթ սողաց տանիքի վրայով։ Գնալիս զգուշությամբ մի երկու անգամ մլավեց, հետո թռավ փայտանոցի տանիքը, հետո՝ գետին։ Հեքլբերի Ֆինն այնտեղ էր իր սատկած կատվի հետ։ Տղաները շարժվեցին և անհետացան խավարում։ Կես ժամ հետո նրանք քայլում էին գերեզմանատան բարձր խոտերի միջով։
Արևմուտքի երկրներին հատուկ հին ձևի մի գերեզմանատուն էր դա, բլրի վրա, քաղաքից մոտ մեկուկես մղոն հեռու։ Շրջապատված էր մի հիմար ցանկապատով, որը ընդհանրապես դեպի դուրս էր ընկած, տեղ֊տեղ դեպի ներս, բայց ոչ մի տեղ ուղիղ չէր կանգնած։ Ամբողջ գերեզմանատանը աճել էր փարթամ խոտը։ Բոլոր հին գերեզմանները իջել էին, ոչ մի դամբարան չէր երևում։ Փտած, վերևի մասերը կլորացած, որդերի կեր դարձած տախտակները թեքվել էին դեպի հողը՝ հենարանի կարիք զգալով, բայց չգտնելով։ Դրանց վրա մի ժամանակ գրված էր եղել․ «Հավերժ հիշատակ այսինչին», բայց դրանց մեծամասնության վրա, եթե նույնիսկ մի ժամանակ տապանագրեր եղել էին, նույնիսկ ցերեկը այլևս չէին կարդացվում։
Մի թույլ քամի նվում էր ծառերի արանքում, և Թոմը վախեցավ, որ գուցե մեռելների ոգիներն էին դրանք և բողոքում էին իրենց հանգիստը վրդովելու համար։ Տղաները քիչ էին խոսում և այն էլ շշնջոցով, որովհետև վայրը, ժամանակը, տիրող հանդիսավորությունը և լռությունը ճնշում էին նրանց։ Նրանք գտան իրենց փնտրած նոր հողաթումբը և թաքնվեցին երեք մեծ թեղիների հովանու տակ, հողաթմբից մի քանի քայլ հեռու։
Հետո նրանք լուռ սպասեցին, ինչպես նրանց թվաց, շատ երկար ժամանակ։ Հեռվից լսվող բվի վայոցը միակ ձայնն էր, որ խզում էր մեռելային լռությունը։ Թոմի մտածումները ճնշող դարձան։ Տղան խոսելու կարիք զգաց։ Նա ասաց փսփսոցով․
― Հեքի, կարծո՞ւմ ես, որ մեր այստեղ լինելը մեռելներին դուր կգա։
Հեքլբերին փսփսաց․
― Երանի իմանայի։ Դրությունը սարսափելի լուրջ է, չէ՞։
― Այդպես է։
Բավական երկար լռություն տիրեց, մինչև տղաներն այդ հարցը ուսումնասիրում էին իրենք իրենց մեջ։ Հետո Թոմը շշնջաց․
― Լսիր, Հեքի, կարծո՞ւմ ես, որ Հոս Ուիլյամսը լսում է մեզ։
― Անշուշտ լսում է, գոնե նրա հոգին լսում է։
Որոշ լռությունից հետո Թոմն ասաց․
― Երանի ես միստր Ուիլյամս ասեի։ Բայց ես նրան վիրավորելու միտք չունեի։ Բոլորը նրան Հոս էին անվանում։
― Մարդ այնքան էլ զգույշ չի լինում մեռելների մասին խոսելիս, Թոմ։
Այդ վստահեցուցիչ էր, և զրույցը շարունակվեց։
Հանկարծ Թոմը բռնեց ընկերոջ թևը և ասաց․
― Սուս։
― Ի՞նչ է, Թոմ։ ― Եվ երկուսը իրար կպան թպրտացող սրտերով։
― Սուս։ Այ նորից․ չե՞ս լսում։
― Ես․․․
― Ահա, դու էլ լսեցի՞ր։
― Աստված իմ, Թոմ, նրանք գալիս են, անկասկած գալիս են։ Ի՞նչ անենք։
― Չգիտեմ։ Կարծո՞ւմ ես, որ մեզ կտեսնեն։
― Ահ, Թոմ, նրանք կարող են մթության մեջ տեսնել կատուների նման։ Երանի եկած չլինեի։
― Է՜, մի վախեցիր։ Չեմ կարծում, որ նրանք մեզ ձեռք տան։ Մենք ոչ մի վնաս չենք տալիս։ Եթե լրիվ անշարժ մնանք, գուցե մեզ բոլորովին չնկատեն։
― Կփորձեմ, Թոմ, բայց աստված իմ, ամբողջ մարմնով դողում եմ։
― Լսիր։ ― Տղաները գլուխներն իրար կպցրին։ Հազիվ էին շնչում։ Գերեզմանատան հեռավոր ծայրից խուլ ձայներ էին լսվում։
― Նայիր, այնտեղ նայիր, ― շշնջաց Թոմը, ― այդ ի՞նչ է։
― Սատանայի կրակ է։ Օ՜յ, Թոմ, դա սարսափելի է։
Խավարի միջով անորոշ կերպարանքներ մոտեցան, օրորելով հնաձև մի թիթեղե լապտեր, որը լույսի անհամար շողեր էր սփռում գետնին։ Հանկարծ Հեքլբերին ցնցվելով շշնջաց․
― Անկասկած սատանաներ են։ Երեքը, աստված ջան, Թոմ, մենք կորած ենք։ Կարո՞ղ ես աղոթել։
― Կփորձեմ, բայց դու մի վախեցիր։ Նրանք մեզ չեն վնասի։
― Հըշշշ․․․
― Ի՞նչ է, Հեք։
― Մարդիկ են։ Առնվազն մեկը։ Մեկի ձայնը Մըֆ Պոտերսի ձայնն է։
― Չի կարող պատահել, մի՞թե։
― Ես ճանաչում եմ նրան։ Մի շնչիր և մի շարժվիր։ Նա մեզ տեսնելու չափ սրատես չէ։ Հարբած է, ինչպես միշտ։ Լխկած ծերուկ։
― Շատ լավ, անշարժ կմնամ։ Ահա կանգնեցին։ Չեմ տեսնում։ Ահա նորից գալիս են։ Արդեն արագ են շարժվում․ նորից դանդաղեցին։ Նորից շտապում են․ շատ են շտապում։ Այս անգամ ուղիղ այստեղ են գալիս։ Լսիր, Հեք, մի ուրիշի ձայնն էլ եմ ճանաչում։ Հնդկացի Ջոն է։
― Ճիշտ է, անիծյալ խառնածինն է։ Ավելի լավ է սատանաներ լինեին։ Տեսնես ինչո՞ւ են այստեղ եկել։
Շշնջոցներն այժմ բոլորովին լռեցին, որովհետև երեք հոգի հասան հողաթմբին և կանգնեցին տղաների թաքստոցից մի քանի քայլ հեռու։
― Ահա սա է, ― ասաց երրորդ ձայնը, և ձայնի տերը լապտերը բարձրացրեց, երևան հանելով երիտասարդ բժիշկ Ռոբինսոնի դեմքը։
Պոտերը և Հնդկացի Ջոն թոկերով կապված մի պատգարակ էին բերում, վրան երկու բահ։ Բժիշկը լապտերը դրեց գերեզմանի գլխավերևը և նստեց, մեջքը հենելով թեղիներից մեկին։ Նա այնքան մոտ էր, որ տղաները կարող էին դիպչել նրան։
― Շտապեք, ― ասաց նա ցածրաձայն, ― լուսինը կարող է հանկարծ դուրս գալ։
Նրանք ինչ֊որ պատասխան փնթփնթացին և շարունակեցին փորել։ Որոշ ժամանակ ոչ մի ձայն չկար բացի հողը մի կողմ նետող բահերի ձայնից։ Այդ ձայնը շատ միօրինակ էր։ Ի վերջո, մի բահ կպավ դագաղին խուլ, փայտային աղմուկով, և մի քանի րոպե հետո նրանք դագաղը դուրս հանեցին։ Բահերով բարձրացրին կափարիչը, դուրս հանեցին մարմինը և կոպտորեն գետին գցեցին։ Լուսինը ամպերի տակից դուրս եկավ ու լուսավորեց գունատ դեմքը։ Պատգարակը պատրաստ էր։ Մարմինը դրեցին վրան, ծածկեցին բարակ վերմակով և պարանով կապեցին։ Պոտերը հանեց ծալովի մեծ դանակը և կտրեց պարանի կախված ծայրերը, հետո ասաց․
― Այժմ անիծյալ գործը պատրաստ է, միստր։ Դե՛, մի հնգանոց էլ տվեք, թե չէ այստեղ էլ կմնա։
― Ճիշտ է ասում, ― ասաց Հնդկացի Ջոն։
― Լսեք, դա ի՞նչ է նշանակում, ― ասաց բժիշկը, ― դուք ձեր վարձը կանխիկ պահանջեցիք, և ես վճարեցի։
― Այո, բայց դուք դրանից ավելին եք արել, ― ասաց Հնդկացի Ջոն մոտենալով բժկին, որը վեր էր կացել, ― հինգ տարի առաջ դուք ինձ վռնդեցիք ձեր հոր խոհանոցից, երբ ես եկել էի ուտելու բան խնդրելու։ Դուք ասացիք, որ ես վատ գործի համար էի եկել, և երբ ես երդվեցի վրեժ լուծել ձեզնից նույնիսկ հարյուր տարի հետո, ձեր հայրը ինձ ձերբակալել տվեց որպես թափառաշրջիկի։ Կարծում եք մոռացե՞լ եմ։ Իզուր չէ, որ ես հնդկական արյուն ունեմ։ Իսկ այժմ դուք իմ ձեռքին եք և իմացեք, որ պետք է հաշիվ տաք։
Մինչ այդ Ջոն բռունցքը նրա դեմքին մոտեցնելով, սպառնում էր։ Բժիշկը հանկարծ հարվածեց և հնդիկին գետին գլորեց։ Պոտերը դանակը գետին գցեց և գոչեց․
― Է՜, ընկերոջս չխփե՞ս․․․ ― հաջորդ պահին նա կպավ բժշկին, և երկուսը պայքարում էին ամբողջ ուժով ու բոլոր միջոցներով, կանաչ խոտը տրորելով և կրունկներով գետինը քանդելով։ Հնդկացի Ջոն վեր թռավ, աչքերը ատելությունից վառվելով, վերցրեց Պոտերի դանակը, կատվի նման գաղտագողի և կուզեկուզ մոտեցավ կռվողներին ու սկսեց նրանց շուրջը պտտվել՝ հարմար առիթ որոնելով։ Հանկարծ բժիշկն իրեն ազատեց, վերցրեց Ուիլյամսի գերեզմանի ծանր տախտակը և Պոտերին դրանով գետին տապալեց։ Նույն պահին խառնածինը հարմար առիթը գտավ և դանակը մինչև կոթը խրեց երիտասարդի կուրծքը։ Բժիշկը երերաց և կիսով չափ ընկավ Պոտերի վրա, նրան իր արյամբ ողողելով։ Նույն պահին ամպերն այդ սարսափելի տեսարանը ծածկեցին, և երկու վախեցած տղաները մթության մեջ փախան։
Երբ լուսինը նորից դուրս եկավ, Հնդկացի Ջոն կանգնած էր երկու մարմինների վերև և նրանց էր դիտում։ Բժիշկն անհասկանալի բառեր շշնջաց, մի երկու անգամ խորը շնչեց և անշարժացավ։ Խառնածինը մռմռաց։
― Հաշիվը մաքրված է, անիծված լինես։
Հետո նա կողոպտեց դիակը։ Այնուհետև ճակատագրական դանակը դրեց Պոտերի բաց աջ ձեռքին և նստեց շուռ տված դագաղի վրա։ Անցավ երեք, չորս, հինգ րոպե, և Պոտերը սկսեց շարժվել ու տնքալ։ Նա դանակը սեղմեց, բարձրացրեց, նայեց և դողալով ձեռքից ցած գցեց։ Հետո նստեց, բժշկի մարմինը իրենից հեռու գլորեց և շփոթված նայեց դրան, հետո իր շուրջը։ Նրա աչքերը հանդիպեցին Ջոյի աչքերին։
― Աստված, այս ի՞նչ բան է, Ջո, ― ասաց նա։
― Կեղտոտ գործ է, ― ասաց Ջոն առանց շարժվելու, ― ինչո՞ւ արեցիր։
― Ե՞ս, ես չեմ արել, երբե՛ք։
― Լռիր, այդպիսի խոսքերով չես ազատվի։
Պոտերը դողաց և գույնը գցեց։
― Կարծում էի հարբածությունս անցել է։ Այս գիշեր ես չպետք է խմեի։ Բայց դեռևս գլուխս պտտվում է՝ ավելի վատ, քան այստեղ գալիս։ Ամեն ինչ խառնվել է․ ոչինչ չեմ կարողանում հիշել։ Ասա, Ջո, անկեղծ, ասա, հին ընկեր, ե՞ս արեցի այդ։ Ջո՛, ես երբեք չէի ուզում, հոգիս ու պատիվս վկա, ես երբեք այդպիսի նպատակ չունեի։ Ասա, ինչպե՞ս պատահեց, Ջո։ Ա՛հ, սարսափելի է, որքա՜ն երիտասարդ ու ապագա խոստացող էր նա։
― Դուք երկուսդ կռվում էիք։ Նա տախտակով խփեց քո գլխին, և գետին տապալվեցիր։ Հետո վեր կացար երերալով և դանակն առար ու խրեցիր նրա կուրծքը։ Մինչ այդ նա մի ուրիշ սարսափելի հարված հասցրեց։ Մինչև այժմ էլ մեռածի նման պառկած էիր։
― Օ՜հ, չեմ իմացել, թե ինչ եմ անում։ Կուզենայի այս պահին մեռած լինել, եթե ես եմ արել։ Այդ բոլորը վիսկիից է և հուզմունքից։ Կյանքումս զենք չեմ գործածել, Ջո։ Կռվել եմ, բայց ոչ զենքով։ Բոլորը կվկայեն այդ բանը։ Ջո, չմատնես, խոստացիր, որ չես մատնի, Ջո։ Դու լավ տղս ես։ Ես միշտ սիրել եմ քեզ, Ջո, պաշտպանել են քեզ։ Չե՞ս հիշում։ Չես մատնելու, չէ՞, Ջո։ ― Եվ խեղճ արարածը մարդասպանի առաջ ծունկի եկավ և պաղատող ձեռքերը մեկնեց նրան։
― Այո, դու իմ նկատմամբ միշտ արդար ես եղել, Մըֆ Պոտեր, և ես քեզ չեմ դավաճանի։ Այժմ հանգստացիր․ տղամարդու խոսք եմ տալիս։
― Ջո, դու հրեշտակ ես։ Դրա համար ես քեզ օրհնելու եմ, որքան ապրեմ։ ― Եվ Պոտերը սկսեց լաց լինել։
― Դե, հերիք է։ Լաց լինելու ժամանակը չէ։ Դու այս ճամփով գնա, ես՝ այս։ Դե՛, շարժվիր և հետևիցդ հետքեր մի թող։
Պոտերն սկսեց վազել նախ դանդաղ, հետո ամբողջ ուժով։ Խառնածինը նայեց նրա ետևից։ Նա քրթմնջաց․
― Եթե իսկապես նա շշմել է հարվածից ու խմելուց, ինչպես երևում էր տեսքից, նա դանակի մասին չի մտածի, մինչև այնքան հեռացած լինի, որ կվախենա դրա համար մենակ վերադառնալ այսպիսի մի տեղ։ Հավի սիրտ ունի։
Երկու կամ երեք րոպե հետո սպանված մարդը, վերմակի մեջ փաթաթված դիակը, առանց կափարչի դագաղը և բաց գերեզմանը մնացել էին միայն լուսնի հսկողության տակ։ Նորից խոր լռություն էր տիրում։
Գլուխ X
Երկու տղաները վազեցին դեպի քաղաք, սարսափից կապված լեզուներով։ Ժամանակ առ ժամանակ նրանք ետ էին նայում, վախենալով, որ իրենց հետևող լինի։ Ճանապարհին պատահող յուրաքանչյուր կոճղ նրանց թվում էր մարդ և թշնամի։ Նրանց շունչը կտրվում էր, իսկ երբ հասան քաղաքի ծայրում գտնվող հյուղակներին, արթնացած մի շան հաչոցը նրանց ոտքերին թևեր տվեց։
― Եթե միայն մինչև կաշվի գործարան հասնելը շունչներս չկտրվի, ― շշնջաց Թոմը, երկու հևոցի արանքում։ ― Այլևս չեմ դիմանում։
Հեքլբերիի փնչոցները նրա միակ պատասխանն էին։ Տղաներն աչքները հառեցին իրենց հույսերի նպատակակետին և մեծ ճիգ գործ դրեցին հաղթահարելու համար այդ տարածությունը։ Նրանք մոտենում էին դրան և ի վերջո, միասին շնչասպառ ներս խոյացան բաց դռնից ու իրենց գոհ զգացին նրա փրկարար հովանու տակ։ Նրանց զարկերակները կամաց֊կամաց հանդարտվեցին, և Թոմը շշնջաց․
― Հեքլբերի, ի՞նչ ես կարծում, դրանից ի՞նչ դուրս կգա։
― Եթե դոկտոր Ռոբինսոնը մահանա, ես կարծում եմ՝ կախաղան։
― Այդպե՞ս ես կարծում։
― Անշուշտ, հաստատ բան է։
Թոմը մի պահ մտածեց, հետո ասաց․
― Ո՞վ պիտի հայտնի, մե՞նք։
― Ի՞նչ ես ասում։ Հապա եթե հանկարծ մի բան պատահի և Հնդկացի Ջոյին չկախեն, նա մեզ կսպանի։ Դա հաստատ բան է, ինչպես հաստատ է, որ այժմ այստեղ պառկած ենք։
― Ես էլ եմ այդպես կարծում, Հեք։
― Եթե որևէ մեկը պիտի հայտնի, թող Մըֆ Պոտերն անի, եթե այդքան խելք ունի։ Նա ընդհանրապես հարբած է լինում։
Թոմը ոչինչ չասաց և շարունակեց մտածել, հետո շշնջաց․
― Հեք, Մըֆ Պոտերը չգիտե, ինչպե՞ս կարող է հայտնել։
― Ինչու՞ չգիտե։
― Որովհետև ճիշտ այն պահին, երբ նա գլխին ստացավ փայտի հարված, Հնդկացի Ջոն արեց այդ բանը։ Կարծո՞ւմ ես․ որ նա կարող էր դա նկատել։ Կարծո՞ւմ ես, որ նա որևէ բան իմացավ։
― Իակապես, ճիշտ ես ասում, Թո՛մ։
― Եվ գուցե փայտի այդ հարվածից նրա խելքը թռած լինի։
― Ո՛չ, չեմ կարծում, Թո՛մ․ նա հարբած էր, ես այդ զգում էի, թեև նա միշտ հարբած է լինում։ Երբ հայրս հարբած էր լինում, կարող էիր գլխին ինչով ասես խփել, և բան չէր լինում։ Նա ինքն էր այդ ասում։ Ուրեմն նույնն է նաև Մըֆ Պոտերի համար։ Եթե հարբած չլիներ, այդ հարվածից գուցե և մեռներ։ Չգիտեմ։
Մտախոհ լռությունից հետո Թոմն ասաց․
― Հեքի, դու վստա՞հ ես, որ կարող ես լռել։
― Թոմ, մենք պարտավոր ենք լռել, դու գիտես։ Այդ հնդիկ սատանան մեզ կատվի ձագերից ավելի հեշտ կխեղդի, եթե խոսենք, և նրան չկախեն։ Լսիր, Թոմ, արի իրար երդվենք, այո, պետք է երդվենք, որ կլռենք։
― Համաձայն եմ, Հեք, դա լավագույն ձևն է․ դե՛, ձեռքդ բարձրացրու և երդվիր, որ․․․
― Օ՜, ո՛չ, այս դեպքում դա շատ քիչ է․ դա լավ է սովորական փոքր դեպքերի համար, հատկապես աղջիկների հետ, որովհետև պարզ է, ի վերջո խաբելու են և դուրս տալու, եթե չարանան, բայց այդպիսի մեծ դեպքի համար պետք է գրություն լինի։ Եվ արյուն։
Թոմն ամբողջ էությամբ ողջունեց այս գաղափարը։ Դա խորհրդավոր էր, մռայլ և սարսափելի։ Ժամանակը, պայմանները, շրջապատը համապատասխանում էին այդպիսի մի գործի։ Լուսնի լույսի տակ նա մի տաշեղ գտավ, գրպանից հանեց «կարմիր ներկի» մի կտոր և այնպես, որ լույսն ընկնի տաշեղի վրա, դժվարությամբ, դանդաղորեն գրեց այս տողերը՝ յուրաքանչյուր բառի վրա լեզուն ատամների արանքում շմփշմփացնելով։
«Հեք Ֆինը և Թոմ Սոյերը երդվում են,
որ պիտի լռեն այս գործի մասին
և տեղն ու տեղը թող մեռնեն, եթե երբևէ
ասեն և խոսք թռցնեն»։
Հեքլբերին հիացած էր Թոմի գրելու հեշտությամբ և ոճի ազնվությամբ։ Նա անմիջապես գնդասեղ հանեց բաճկոնի լամբակից և ուզում էր մարմինը ծակել, բայց Թոմն ասաց․
― Սպասիր, մի արա։ Դա պղնձե գնդասեղ է, կարող է ժանգ ունենալ։
― Ժանգն ի՞նչ բան է։
― Դա թույն է, այո, թույն է։ Մի անգամ փորձիր, դրանից կուլ տուր և կտեսնես։
Թոմը հանեց իր ասեղներից մեկը և տղաները ծակեցին իրենց բթամատերը ու արյուն կաթեցրին։
Ի վերջո, մի քանի կաթիլ արյուն հանելուց հետո ճկույթը որպես գրիչ գործածելով, Թոմը կարողացավ ստորագրել։ Հետո նա Հեքլբերիին ցույց տվեց ինչպես H և F նկարել, և երդմնագիրը պատրաստ էր։ Նրանք հանդիսավորությամբ տաշեղը թաղեցին պատի տակ և համարեցին, որ իրենց լեզուն կողպվել է, և բանալին հեռու գցվել։
Կիսավեր շենքի մյուս ծայրից մի կերպարանք զգուշորեն ներս մտավ, բայց նրանք չնկատեցին։
― Թոմ, ― շշնջաց Հեքլբերին, ― այս երդումը ընդմիշտ փակ կպահի՞ մեր լեզուն․․․
― Անշուշտ։ Ինչ էլ պատահի, մենք պետք է լռենք։ Տեղնուտեղը կմեռնենք, չգիտե՞ս։
― Այո, այդպես է։
Որոշ ժամանակ նրանք շարունակեցին շշնջալ։ Հանկարծ, ճիշտ դրսում, նրանցից տասը քայլ հեռու, մի շուն սկսեց ոռնալ։ Տղաները սարսափահար իրար գրկեցին։
― Մեզանից ո՞ր մեկին նկատի ունի, ― շշնջաց Հեքլբերին։
― Չգիտեմ․ շուտ արա, ծակից նայիր։
― Չէ, դու նայիր, Թոմ։
― Ես չեմ կարող, ես չեմ կարող անել, Հեք։
― Խնդրում եմ, Թոմ, ահա նորից․․․
― Օ՜, աստված, շնորհակալ եմ, ― շշնջաց Թոմը, ― ես այդ ձայնը ճանաչում եմ․ Բուլ Հարբիսոնի ձայնն է։
― Օ՜, վերջապես, Թոմ, ես սարսափից մեռնում էի, կարծում էի, թե անտեր շուն է։
Շունը նորից ոռնաց։ Տղաների սիրտը նորից կանգ առավ։
― Օ՜յ, աստված, դա Բուլ Հարբիսոնը չէ, ― շշնջաց Հեքլբերին, ― նայիր, Թոմ։
Վախից դողալով Թոմը տեղի տվեց և աչքը գցեց ճեղքի վրա։ Նրա շունչը հազիվ էր լսվում, երբ ասաց․
― Օ՜յ, Հեք, դա անտեր, թափառական շուն է։
― Շուտ արա, Թոմ, նայիր, ո՞ւմ վրա է ոռնում։
― Հեք, նա պետք է երկուսիս նկատի ունենա, մենք միասին ենք։
― Օ՜յ, Թոմ, երկուսով կորած ենք․ ես գիտեմ, թե ուր պիտի գնամ։ Ես այնքան վատն եմ եղել։
― Ահա և պատժվում եմ․ այս բոլորը նրանից է, որ դպրոցից փախչում էի և անում այն, ինչ մարդիկ ինձ ասում էին չանել։ Ես կարող էի Սիդի նման խելոք լինել, եթե ուզեի։ Բայց, ոչ, չէի լինում։ Եթե այս անգամ ազատվեմ, ես պարզապես կիրակնօրյա դպրոցից դուրս չեմ գալու։
Եվ Թոմն սկսեց հեկեկալ։
― Դո՞ւ ես վատը, ― և Հեքլբերին նույնպես սկսեց հեկեկալ։ ― Սխալվում ես, Թոմ Սոյեր, դու պարզապես բարի հրեշտակ ես ինձ հետ համեմատած։ Օ՜հ, աստված իմ, աստված իմ, երանի ես քո կեսի չափ լավը լինեի։
Թոմն արցունքները կուլ տվեց և սասց․
― Նայիր, Հեքի, նայիր․ նա ետևը մեր կողմն է արել։
Հեքը նայեց հրճվանքը սրտում։
― Ճիշտ որ, առա՞ջ էլ այդպես էր, այո, այդպես էր, իսկ ես՝ հիմարս, այդ մասին չմտածեցի։ Է՛հ, դա շատ լավ է, գիտե՞ս։ Բայց ո՞ւմ նկատի ունի։
Ոռնոցը դադարեց։ Թոմը ականջները սրեց։
― Հը՛շշ․․․ Ի՞նչ է այդ, ― շշնջաց նա։
― Կարծես․․․ կարծես խոզ է խռնչում։ Ո՛չ, ինչ֊որ մեկը խռմփացնում է, Թոմ։
― Այո, բայց որտե՞ղ, Հեք։
― Ինձ թվում է, որ մյուս ծայրումն է։ Այսպես է թվում։ Հայրիկը երբեմն այնտեղ քնում էր խոզերի հետ, բայց նա այնպես էր խռմփացնում, որ գլուխդ առ ու փախիր։ Բայց նա, կարծում եմ, սյլևս այս քաղաքը չի վերադառնա։
Արկածախնդրության ոգին մի անգամ ևս արթնացավ տղաների մեջ։
― Հեք, ինձ հետ կգա՞ս, եթե քեզ այնտեղ տանեմ։
― Չէի ուզենա, Թոմ․ բա որ Հնդկացի Ջոն լինի։
Թոմը տատանվեց։ Բայց գայթակղությունը այնքան ուժեղ էր, որ տղաները համաձայնեցին փորձել, պայմանով, որ եթե խռմփոցը դադարի, փախչեն։ Ոտքի ծայրերի վրա, իրար ետևից նրանք առաջ գնացին։ Երբ խռմփոցից հինգ քայլ հեռու էին, Թոմը մի փոքր փայտի կտոր տրորեց, որը սուր աղմուկով ջարդվեց։ Մարդը տնքաց, մի փոքր շարժվեց, և լուսնի լույսն ընկավ նրա դեմքին։ Մըֆ Պոտերն էր։
Տղաների ոտքերն ու մարմիններն անշարժացան, երբ մարդը շրջվեց, բայց նրանց վախն անցավ։ Ոտքի մատների վրա դուրս եկան պատի ճեղքից և մի փոքր հեռվում կանգ առան, իրար հրաժեշտ տալու համար։ Երկար, չարագուշակ ոռնոցը նորից լսվեց գիշերային խավարում։ Նրանք շուռ եկան և տեսան, որ օտար շունը մի քանի քայլ հեռու էր կանգնած Պոտերի պառկած տեղից և երեսը Պոտերին ուղղած, քիթը՝ երկինք, ոռնում էր։
― Օ՜հ, աստված իմ, նրա վրա է, ― բացականչեցին տղաները միասին։
― Լսիր, Թոմ, ասում են, որ մի թափառական շուն ոռնալով եկել է Ջոնի Միլլերի տան շուրջը, երկու շաբաթ առաջ, կեսգիշերին, իսկ գիշերահավը նույն գիշերը մտել է նրանց տունը և սանդղաճաղի վրա կանգնած երգել է, բայց դեռևս ոչ ոք չի մեռնում։
― Այո, բայց մի՞թե հաջորդ շաբաթ օրը Կրեյսի Միլլերը խոհանոցի կրակը չընկավ և չվառվեց։
― Այո, բայց չմեռավ։ Դեռ ավելին․ լավանում է։
― Դե լավ, սպասիր ու տես։ Նա կմեռնի, ինչպես Մըֆ Պոտերը։ Այդպես են ասում նեգրերը, իսկ նրանք նման բաներ շատ լավ են իմանում, Հեք։
Հետո տղաները մտամոլոր բաժանվեցին։
Երբ Թոմը ննջարանի լուսամուտից ներս մտավ, գիշերը համարյա անցել էր։ Նա ծայրահեղ զգուշությամբ հանվեց և քնեց, ինքն իրեն շնորհավորելով, որ ոչ ոք չէր իմացել իր փախուստի մասին։ Նա չէր իմանում, որ մեղմորեն խռմփացնող Սիդը քնած չէր և արթնացել էր մի ժամ առաջ։
Երբ Թոմն արթնացավ, Սիդը հագնվել էր և գնացել։ Լույսից և մթնշաղից երևում էր, որ ուշ էր։ Նա զարմացավ։ Ինչո՞ւ իրեն չէին կանչել, ինչո՞ւ չէին տանջել մինչև արթնանալը, ինչպես սովորաբար։ Այդ մտածումը նրան վախեցրեց։ Հինգ րոպեում հագնվեց և ներքև իջավ, թեև իրեն քնատ և հոգնած էր զգում։ Ընտանիքը դեռևս սեղանի շուրջն էր, բայց նախաճաշն ավարտված էր։ Հանդիմանական ոչ մի խոսք չեղավ, բայց բոլորը խուսափում էին նրան նայելուց։ Այնպիսի լռություն ու հանդիսավորություն կար օդում, որ հանցավորի սիրտը սառեց։ Նա փորձեց ուրախ երևալ, բայց իզուր․ ոչ մի ժպիտ չառաջացրեց, ոչ մի պատասխան չստացավ և լռությունից սիրտը վախ ընկավ։
Նախաճաշից հետո մորաքույրը նրան մի կողմ տարավ, և Թոմը համարյա ուրախացավ, որ ծեծ է ուտելու։ Բայց սխալվեց։ Մորաքույրը լաց եղավ և ասաց, թե ինչպես է կարողանում այդպես կոտորել իր ծեր սիրտը։ Ի վերջո, նա ասաց, որ եթե այդպես շարունակվի և ինքն իրեն կործանի, իր սպիտակ մազերը կհասցնի գերեզման, որովհետև անօգուտ էին Թոմին ուղղելու փորձերը։ Այդ ավելի վատ էր, քան հազար անգամ ծեծ ուտելը։ Թոմը լաց եղավ, խնդրեց ներել, նորից ու նորից խոստացավ փոխվել և թողություն ստացավ, միաժամանակ զգալով, որ հասել էր ոչ կատարյալ ներման և շատ թույլ վստահության էր արժանացել։
Նա դուրս եկավ շատ դժբախտ ու փորձ անգամ չարեց եղբորից վրեժ լուծել։ Այնպես որ Սիդն իզուր էր ետևի դռնից փախել։ Թոմը դպրոց գնաց ընկճված ու տխուր և Ջո Հարպըրի հետ դասից փախչելու համար պատժվեց մի մարդու տեսքով, որի սիրտը լիքն էր ծանր վշտերով և անտարբեր էր շրջապատի նկատմամբ։ Հետո նստեց իր գրասեղանի առաջ, արմունկները դրեց սեղանին և ծնոտը առավ ձեռքերի մեջ ու պատին նայեց քարացած հայացքով մի մարդու, որի վշտերը հասել էին ծայրահեղ սահմանի և ավելին լինել չէին կարող։ Նրա արմունկը դեմ առավ մի կոշտ իրի։ Երկար ժամանակ հետո նա դանդաղ և տխրորեն փոխեց իր դիրքը և այդ առարկան վերցրեց ծանր հոգոցով։ Թղթի մեջ փաթաթված բան էր։ Նա բացեց այդ։ Մի երկար, խոր, տանջալից հոգոց հետևեց դրան, և նրա սիրտը կտոր֊կտոր եղավ։ Իր պղնձե գնդակն էր։
Այս վերջին փետուրը կոտրեց ուղտի մեջքը։
Գլուխ XI
Կեսօրվա մոտ ամբողջ քաղաքը էլեկտրականացված էր սարսափելի նորությունից։ Հեռագրի կարիք չկար, որի մասին այդ ժամանակ չէին էլ երազում։ Լուրը մարդուց մարդ թռավ, խմբից խումբ, տնից տուն հեռագրից մի քիչ պակաս արագությամբ։ Դպրոցի տնօրենը կեսօրից հետո, իհարկե, արձակեց երեխաներին։ Քաղաքը կտարակուսեր, եթե նա այդպես չաներ։
Սպանված մարդու մոտ արյունոտ դանակ էին գտել, և մի մարդ պնդել էր, թե դա պատկանում է Մըֆ Պոտերին։ Այդպես էր տարածվում պատմությունը։ Պատմում էին, որ գիշերը մի ուշացած քաղաքացի տեսել էր Պոտերին լվացվելիս, և թե Պոտերը անմիջապես փսխել էր։ Կասկածելի հանգամանքներ էին, հատկապես լվացվելը, որը Պոտերի սովորությունների մեջ չէր մտնում։ Պատմում էին նաև, որ քաղաքը խուզարկվել էր «մարդասպաններին» գտնելու համար (ժողովուրդը միշտ կասկածելին համարում է ապացույց) և թե չէին կարողացել գտնել։ Գլխավոր փողոցները և ամեն ուղղությամբ ձիավորներ էին ուղարկված։ Իբր թե շերիֆը «վստահ էր», որ մինչև երեկո հանցագործը կձերբակալվեր։
Ամբողջ քաղաքը հոսում էր դեպի գերեզմանատուն։ Տխրությունը մոռացած Թոմը միացավ մյուսներին, ոչ նրա համար, որ նա հազար անգամ չէր նախընտրի ուրիշ ուղղությամբ գնալ, այլ որովհետև մի սարսափելի, անբացատրելի ուժ նրան այնտեղ էր քաշում։ Հասնելով ահռելի վայրը, նա մարդկանց արանքով սողաց և տեսավ այդ սարսափելի տեսարանը։ Նրան թվաց, թե մի դար է անցել իր այստեղ լինելուց հետո։ Մեկը նրա թևը բռնեց։ Դարձավ և հանդիպեց Հեքլբերիի աչքերին։ Հետո երկուսն էլ ուրիշ կողմ նայեցին և մտածեցին, թե արդյո՞ք որևէ մեկը, որևէ բան նկատեց իրենց հայացքի մեջ։ Բայց բոլորը խոսում էին, իրենց ուշադրությունը ոևեռած առջևում բացված սարսափելի տեսարանին։
«Խեղճ մարդ», «խեղճ երիտասարդ», «սա պետք է խրատ լինի դիակ գողացողներին», «Մըֆ Պոտերը կկախվի դրա համար, եթե գտնեն» ― այդպիսի արտահայտություններ էին լսվում։ Իսկ քարոզիչն ասաց․ «Դա երկնային պատիժ է․ այս գործի մեջ նրա մատը կա»։
Թոմը ոտից գլուխ դողաց, որովհետև նրա հայացքը ընկավ Հնդկացի Ջոյի մռայլ դեմքին։ Այդ պահին ժողովուրդն սկսեց ճանապարհ բացել, և մի քանի ձայներ լսվեցին։ «Նա՛ է, նա՛ է, նա ինքն է գալիս»։
― Ո՞վ է, ո՞վ ― հարցրեցին բազմաթիվ ձայներ։
― Մըֆ Պոտերը։
― Տեսեք, կանգ առավ, տեսեք, ետ է դառնում, մի՛ թողեք, որ փախչի։
Թոմի գլխավերևը, ծառերի վրա գտնվող մարդիկ ասացին, որ նա չի փախչում, նա պարզապես մտածկոտ ու զարմացած է երևում։
― Դժոխային անամոթություն, ― ասաց մեկը, ― ուզեց գալ և հանգիստ նայել իր արած գործին, մարդու չէր սպասում։
Ժողովուրդը կիսվեց, և շերիֆը, Պոտերի ձեռքից բռնած, մոտեցավ։ Խեղճ մարդու դեմքը այլայլված էր, աչքերը մատնում էին նրան պատած սարսափը։ Երբ Պոտերը հասավ սպանված մարդու մոտ, ամբողջ մարմնով դողաց, ձեռքերով ծածկեց դեմքը և սկսեց լաց լինել։
― Այդ ե՛ս չեմ արել, բարեկամներ, ― լաց եղավ նա, ― պատվո խոսք եմ ասում, որ ես չեմ արել։
― Ո՞վ է քեզ մեղադրում, ― հնչեց մի ձայն։
Այս ձայնը խելքի բերեց նրան։ Պոտերը բարձրացրեց դեմքը և շուրջը նայեց՝ աչքերում հուսահատություն։ Նա տեսավ Հնդկացի Ջոյին և բացականչեց․
― Օ՜, հնդիկ Ջո, դու ինձ խոստացար, թե երբեք․․․
― Դա քո՞ դանակն է, ― շերիֆը դանակը դրեց նրա առջև։ Պոտերը ցած կընկներ, եթե չբռնեին նրան և գետնին չնստեցնեին, նա ասաց․
― Ինչ֊որ բան ինձ ասում էր, որ եթե չվերադառնամ․․․ ― նա դողաց․ հետո անուժ ձեռքը շարժեց հուսահատ շարժումով և ասաց․ ― Պատմիր նրանց, Ջո, պատմիր նրանց, այլևս ի՞նչ իմաստ ունի․․․
Հեքլբերին և Թոմը մունջ ու քարացած մնացել էին և լսում էին, թե ինչպես այդ քարասիրտ ստախոսը հանդարտ պատմում էր։ Ամեն րոպե նրանք սպասում էին, որ անամպ երկինքը աստծո կրակը թափի նրա գլխին և զարմանում էին, տեսնելով, թե ինչքան է ուշանում հարվածը։ Եվ երբ նա ավարտեց ու դեռ ողջ առողջ էր մնում, նրանց մեջ արթնացավ երկչոտ ցանկությունը՝ երդումը խզելու և ազատելու խեղճ բանտարկյալի կյանքը, չքացավ, որովհետև պարզ էր, որ այս չարագործը հոգին ծախել էր սատանային և ճակատագրական կլիներ դեմ գնալ այդպիսի ուժի։
― Ինչո՞ւ չփախար, ինչո՞ւ եկար այստեղ, ― ասաց մեկը։
― Ուրիշ կերպ չէի կարող, իմ ձեռքին չէր, ― տնքած Պոտերը, ― ես ուզեցի փախչել, բայց այստեղից բացի ուրիշ տեղ չկարողացա գնալ։ ― Եվ նա նորից սկսեց լաց լինել։
Հնդկացի Ջոն իր պատմությունը կրկնեց մի քանի րոպե հետո նույն հանգստությամբ և երդվեց։ Եվ տղաները տեսնելով, որ կայծակը չէր խփում նրան, վերջնականապես համոզվեցին, որ Ջոն հոգին ծախել է սատանային։ Այժմ հնդիկը նրանց համար դարձավ ամենահետաքրքրական էակը, որ երբևէ տեսել էին և իրենց կախարդված աչքերը չէին կարողանում նրանից հեռացնել։ Նրանք որոշեցին գիշերները դիտել նրան, եթե առիթը ներկայանա, այն հույսով, որ գուցե սատանայական որևէ բան տեսնեն։
Հնդկացի Ջոն օգնեց սպանված մարդու դիակը վերցնելուն և մի սայլի վրա դնելուն։ Բազմությունը ցնցվեց․ ասացին, որ այդ պահին վերքից արյան կաթիլներ գլորվեցին։ Տղաները հույս ունեցան, որ այդ բարեբախտ պատահարը կասկածը կուղղի ճիշտ ուղղությամբ, բայց հիասթափվեցին, որովհետև մի քաղաքացի նկատեց․
― Երեք ոտնաչափ հեռու էր Մըֆ Պոտերը, երբ այդ կատարվեց։
Այդ դեպքից հետո, ավելի քան մի շաբաթ, սարսափելի գաղտնիքը ու խղճի խայթը Թոմին հանգիստ չէին տալիս․ մի առավոտ, նախաճաշին, Սիդն ասաց․
― Թոմ, քնիդ մեջ շուռումուռ ես գալիս և այնքան շատ ես խոսում, որ ինձ քնել չես թողնում։
Թոմը գույնը գցեց և աչքերը գետնին հառեց։
― Դա վատ նշան է, ― ասաց մորաքույր Պոլին լրջորեն․ ― Ի՞նչ կա մտքումդ, Թոմ։
― Ոչինչ, ոչինչ չկա․ ― բայց տղայի ձեռքը այնպես դողաց, որ նա սուրճը թափեց։
― Եվ այնպիսի բաներ ես խոսում,― ասաց Սիդը։ ― Երեկ գիշեր դու ասացիր․ «Արյո՛ւն է, արյո՛ւն է»։ Դու այդ մի քանի անգամ կրկնեցիր։ Հետո ասացիր․ «Այդպես մի տանջիր, ես, ես կպատմեմ»։ Կպատմե՞ս, ի՞նչ կպատմես։
Ամեն ինչ պտտվեց Թոմի առջև։ Դժվար էր ասել, թե ինչ կարող էր պատահել այժմ, բայց բարեբախտաբար մորաքույր Պոլիի դեմքից չքացավ մտահոգությունը, և Թոմին օգնության եկավ առանց իմանալու։ Նա ասաց․
― Սըսս․․․ այդ սարսափելի սպանություն է։ Ես ինքս ամեն գիշեր այդ մասին երազ եմ տեսնում։ Երբեմն երազումս այնպես է լինում, որ իբր ես եմ այն արել։
Մերին ասաց, որ ինքն էլ նույն ձևով ազդված է։ Սիդը բավարարված թվաց։ Թոմը նրանց մոտից հեռացավ ինչքան կարող էր արագ և դրանից հետո, ատամնացավից գանգատվելով, մի շաբաթ ծնոտը կապում էր գիշերները։ Նա երբեք չիմացավ, որ Սիդը գիշերները դիտում էր նրան և հաճախ քանդում էր կապը և արմունկներին հենված, երկար ժամանակ լսում, հետո նորից կապը տեղն էր դնում։ Թոմի լարված ուղեղը քիչ առ քիչ հանգստացավ, իսկ ատամնացավը մոռացվեց։ Եթե Սիդը Թոմի անկանոն մռմռոցներից որևէ բան հասկացավ, ոչ ոքի չասաց։ Թոմին թվում էր, որ իր դպրոցական ընկերները երբեք չեն կարող սատկած կատուների մասին հարցեր չտալ և չեն թողնի, որ իր վիշտը մոռանա։ Սիդը նկատեց, որ Թոմը երբեք հարցաքննություններին չէր մասնակցում, թեև նրա սովորությունն էր նման դեպքերում առաջնորդ լինել։ Նա նկատեց, որ Թոմը երբեք որպես վկա հանդես չէր գալիս։ Դա տարօրինակ էր։ Սիդը բաց չթողեց նաև այն փաստը, որ Թոմը շեշտված խուսափողականություն է հանդես բերում այդ հարցերի ժամանակ ու միշտ փախչում է դրանից, երբ հնարավոր է լինում։ Սիդը հիանում էր, բայց ոչինչ չէր ասում։ Ի վերջո, նույնիսկ այդ տիպի հարցերը գնալով անհետաքրքիր դարձան և դադարեցին տանջել Թոմի խիղճը։
Վշտի այդ ծանր շրջանում, ամեն օր կամ երկու օրը մեկ, Թոմը առիթ էր գտնում, գնում էր բանտի երկաթապատ լուսամուտի մոտ և «մարդասպանին» տալիս էր մի կտոր խմորեղեն, երբ ձեռք էր բերում։ Բանտը փոքր, աղյուսաշեն շենք էր, քաղաքի ծայրին և ճահճի մեջ։ Պահակներ չկային, որովհետև բանտը հազվադեպ էր զբաղված լինում։ Այդ նվերները մեծապես օգնում էին Թոմի խիղճը հանգստացնելուն։ Քաղաքացիները շատ էին ուզում պատժել Հնդկացի Ջոյին դիակներ գողանալու համար, բայց այնպիսի սարսափելի բնավորություն ուներ նա, որ ոչ ոք չէր ուզում այդ գործում առաջինը հանդես գալ, այդ իսկ պատճառով իրենց մտադրությունից հրաժարվեցին։ Երկու անգամ էլ նա իր հայտարարությունը սկսեց կռվից հետո եղածներից, առանց խոստովանելու դիակի գողությունը, որն ավելի առաջ էր եղել։ Հետևաբար, ավելի լավ համարվեց դատարանում առայժմ այդ հարցը չբարձրացնել։
Գլուխ XII
Թոմի ուղեղը շեղվեց իր գաղտնի մտահոգություններից, որովհետև գտավ նոր և ավելի ծանր պատճառ՝ զբաղվելու։ Բեքի Թեչըրը դադարել էր դպրոց գալ։ Մի քանի օր Թոմը պայքարեց իր հպարտության դեմ և փորձեց «վիշտը քամուն տալ»։ Նա սկսեց գիշերները շրջել աղջկա հոր տան շրջակայքում և իրեն շատ դժբախտ էր զգում։ Բեքին հիվանդ էր։ Իսկ եթե մեռնե՞ր։ Այդ մտածողության մեջ հուսահատություն կար։ Նա այլևս պատերազմներով, նույնիսկ ծովահենությամբ չէր հետաքրքրվում։ Կյանքի հմայքը կորել էր, մնացել էր միայն թախիծը։ Նա մի կողմ դրեց գլորանն ու փայտը։ Դրանք այլևս հաճույք չէին պատճառում։ Մորաքույրը մտահոգված էր։ Նա բոլոր տեսակի դեղերը փորձեց տղայի վրա։ Մորաքույր Պոլին այն մարդկանցից էր, որոնք հափշտակվում են պատենդ ունեցող դեղերով և բոլոր այն նորանոր մեթոդներով, որոնք առողջացնում կամ բարելավում են։ Այդպիսի բաների առաջին փորձարկողն էր նա։ Երբ բուժման գծով որևէ նոր բան էր հայտնվում, նա անմիջապես իրարանցման մեջ էր ընկնում, ուզում էր փորձել։ Ոչ իր վրա, որովհետև նա չէր հիվանդանում, այլ որևէ մեկի, ով ձեռքն ընկներ։ Նա բաժանորդ էր բոլոր, «Առողջապահություն» պարբերաթերթերի ու շառլատանական բրոշյուրների և դրանց հանդիսավոր տգիտությունը նրա համար շնչելու օդ էր։ Ամբողջ հիմարությունը, որ դրանք պարունակում էին, թե ինչպե՞ս պիտի օդափոխվել, ինչպես քնել, ինչպես վեր կենալ, ինչ ուտել, ինչ խմել, ինչքան զբաղվել մարմնամարզությամբ, միտքը ինչքան և ինչպես զբաղեցնել, ինչ տեսակ հագուստ հագնել ― այս ամբողջը նրա համար ավետարանի խոսք էր, և նա երբեք չէր նկատում, որ այդ ամսվա «առողջական» ամսագրերը ընդհանրապես հակասում էին նախորդ ամսվա ամսագրերին։ Նա պարզհոգի և բարի էր, այդ պատճառով էլ հեշտորեն զոհ էր դառնում։ Ի մի հավաքած շաղակրատող ամսագրերն ու կեղծ դեղերը, մահով զինված, իր դժգույն ձին նստած, նա փոխաբերական լեզվով խոսում էր « իր ետևից եկող դժոխքի մասին»։ Բայց երբեք չէր կասկածում, որ ինքը բուժող հրեշտակ չէր իր հիվանդ հարևանների համար, ոչ էլ ամենաբույժ սպեղանի։
Ջրաբուժությունն այդ ժամանակ նորություն էր, և Թոմի վատ դրությունը՝ ծառից ընկած պտուղ։ Նա Թոմին արթնացնում էր լույսը չբացված, տանում էր ցախատուն և սառը ջուր ցողում վրան։ Հետո պինդ շփում էր կոշտ սրբիչով, փաթաթում սավանի մեջ և վերմակներով ծածկում, որ տղան լավ քրտներ և մարմնի ծակոտիներից դուրս գային դեղին բծերը, ինչպես ասում էր Թոմը։
Բայց, հակառակ այս բոլորին, տղան գնալով ավելի թախծոտ, անգույն ու խղճալի էր դառնում։ Մորաքույրը բուժմանն ավելացրեց տաք լոգանքներ, ցնցուղ։ Տղան մնում էր ընկճված, ինչպես դիակառք։ Նա սկսեց բուժիչ ջրի մեջ ախորժակ բացող դեղեր և պլաստերներ ավելացնել։ Նա իր ուժերը փորձեց ինչքան կարող էր և տղային պատեց ամեն տեսակ կեղծ դեղերով։
Թոմն անտարբեր էր դարձել հալածանքի հանդեպ, և դա ծեր կնոջ սիրտը լցրեց անհանգստությամբ։ Այդ անտարբերությունը ամեն կերպ պետք էր կոտրել։ Այդ ժամանակ նա առաջին անգամ լսեց «ցավ կտրող»֊ի մասին։ Նա անմիջապես պատվիրեց դրանից։ Փորձեց և լցվեց երախտագիտությամբ։ Դա պարզապես հեղուկ կրակ էր։ Նա մի կողմ թողեց ջրաբուժությունը, մնացած բոլորը և հավատքը կենտրոնացրեց «ցավ կտրող»֊ի վրա։ Նա Թոմին թեյի մի լիքը գդալ խմեցրեց և խոր մտահոգությամբ սպասեց արդյունքին։ Պառավի մտահոգությունն անմիջապես անցավ, հոգին նորից խաղաղվեց, որովհետև «անտարբերությունը» կոտրվեց։ Տղան չէր կարող ավելի վայրի, ավելի մեծ հետաքրքրություն ցույց տալ, եթե նրա տակ կրակ վառեին։
Թոմն զգաց, որ սթափվելու ժամանակն էր։ Այդ տեսակ կյանքը բավական ռոմանտիկ էր, բայց սկսում էր շատ քիչ հետաքրքիր լինել։ Նա մտածեց ազատվելու զանազան պլաններ մշակել և ի վերջո որոշեց ընդունել, որ «ցավ կտրող»֊ը օգնել է։ Նա այնքան հաճախ էր այդ դեղից պահանջում, որ անիմաստ դարձավ, և մորաքույրն ասաց, որ նա իր գլխի ճարը տեսնի, իր ձեռքով ընդունի դեղը, դադարի իրեն անհանգստացնելուց։ Եթե բուժվողը Սիդը լիներ, պառավը չէր դադարի հաճույք զգալուց, բայց քանի որ դա Թոմն էր, նա շարունակում էր գաղտնի հետևել շշերին։ Նա տեսավ, որ շշի պարունակությունը պակասում է, բայց մտքովն էլ չանցավ, որ տղան բուժում էր հյուրասենյակի տախտակամածի մեծ ճեղքը։
Մի օր Թոմը բուժում էր ճեղքը, երբ մորաքրոջ դեղին կատուն մլավելով և թեյի գդալին նայելով, մոտեցավ ագահորեն խնդրելով, որ համը նայի։ Թոմն ասաց․
― Մի խնդրիր, Պիտեր, եթե իսկապես դրա կարիքը չես զգում։
Բայց Պիտերը նշան արեց, որ զգում է։
― Ավելի լավ է վստահ լինես։
Պիտերը վստահ էր։
― Դե, դու ինքդ ես խնդրում, և ես տալիս եմ, որովհետև ագահ չեմ։ Եթե դուրդ չգա, ոչ ոքի չմեղադրես, բացի քեզանից։
Պիտերը համաձայնեց։ Թոմը բաց արեց կատվի բերանը և «ցավ կտրող»֊ը լցրեց ներս։ Պիտերը մի քանի յարդ թռավ օդում, հետո մի սուր ճիչ արձակեց և սկսեց սենյակում պտտվել կահույքին խփելով, ծաղկամանները գլորելով և տնով մեկ աղմուկ հանելով։ Ապա ետևի թաթերին կանգնելով, սկսեց ինչ֊որ խենթ ուրախությամբ գլուխը բարձր պահած՝ շրջել անզուսպ հրճվանքով։ Հետո նորից սկսեց սենյակում պտտվել, ավերածություն ու քաոս տարածելով իր ճանապարհին։ Մորաքույր Պոլին ճիշտ ժամանակին ներս մտավ և տեսավ, թե ինչպես կատուն մի քանի «խաղ խաղաց, վերջին անգամ թռիչք կատարեց և լուսամուտից դուրս թռավ, մնացած ծաղկամանները հետը տանելով։ Ծեր լեդին զարմանքից քարացած՝ նայեց ակնոցի վերևից։ Թոմը հատակին գալարվում էր, ծիծաղից շնչակտուր լինում։
― Թոմ, ի՞նչ է պատահել կատվին։
― Չգիտեմ, մորաքույր, ― կմկմաց Թոմը։
― Երբեք այդպիսի բան չեմ տեսել։ Ինչի՞ց այդպես դարձավ։
― Իսկապես չգիտեմ մորաքույր։ Կատուները միշտ այդպիսի բաներ են անում, երբ ուրախ են լինում։
― Իսկապե՞ս։ ― Նրա խոսելու տոնի մեջ մի բան կար, որը Թոմին զգաստացրեց։
― Այո, այդպես է։ Ես այդպես եմ կարծում։
― Կարծու՞մ ես։
― Այո մորաքույր։
Ծեր լեդին կռացավ։ Թոմը դիտում էր տագնապալից հետաքրքրությամբ։ Նա շատ ուշ հասկացավ մորաքրոջ մտադրությունը։ Մահճակալի տակ երևում էր թեյի գդալը։ Մորաքույր Պոլին վերցրեց այն, բարձրացրեց։ Թոմը ետ֊ետ գնաց և հայացքը խոնարհեց։ Մորաքույր Պոլին նրան բարձրացրեց սովորական ձևով, ականջից բռնեց և մատնոցով պինդ խփեց գլխին։
― Այժմ, սիրելիս, ինչու՞ ես այդպես վարվում այդ խեղճ, անլեզու հայվանի հետ, հը՞։
― Ես այդ արեցի խղճալուց, որովհետև նա մորաքույր չունի։
― Մորաքույր չունի․․․ այ դու ապուշիկ։ Մորաքույրն ի՞նչ կապ ունի դրա հետ։
― Մեծ կապ։ Եթե մորաքույր ունենար կմտահոգվեր նրա մասին։ Առանց խղճալու կվառեր նրա ներսը, չմտածելով, թե նա մարդ է։
Մորաքույր Պոլին հանկարծ խղճի խայթ զգաց։ Հարցը նոր լույսով պատկերացավ․ այն, ինչ դաժան էր կատվի համար, կարող էր դաժան լինել նաև երեխայի համար։ Նա սկսեց մեղմանալ։ Զղջաց։ Պառավի աչքերը մի փոքր խոնավացան, և նա ձեռքը Թոմի գլխին դնելով, մեղմորեն ասաց․
― Ես քո լավն էի ցանկանում, Թոմ։ Եվ դա օգնեց քեզ։ Թոմը նրա դեմքին նայեց լրջության մեջ հազիվ նկատելի հեգնանքով․
― Ես գիտեմ, որ դու իմ լավն էիր ցանկանում, մորաքույր, ինչպես ես՝ Պիտերի լավը։ Ես նրան լավություն արեցի։ Ես երբեք չեմ տեսել, որ նա այդքան ուրախ լինի։
― Է՜, հերիք է, Թոմ, գնա, քանի ինձ չես վշտացրել։ Եվ փորձիր լավ տղա լինել գոնե մի անգամ։ Դու այլևս դեղ ընդունելու կարիք չունես։
Թոմը ժամանակից շուտ դպրոց հասավ։ Նկատվում էր, որ այս տարօրինակ երևույթը վերջերս ամեն օր էր տեղի ունենում։ Եվ այժմ, ըստ վերջին ժամանակների սովորության, փոխանակ ընկերների հետ խաղալու, մնաց բակի դռան մոտերքում։ Ասում էր, թե հիվանդ է, և հիվանդի տեսք ուներ։ Նա աշխատում էր ամեն կողմ նայողի տեսք ունենալ, բայց իսկապես նայում էր դեպի փողոցը։ Այդ պահին երևաց Ջեֆ Թեչըրը, և Թոմի դեմքը պայծառացավ։ Նա մի պահ դիտեց, հետո վշտահար դուրս եկավ։ Երբ Ջեֆ Թեչըրը տեղ հասավ, Թոմը մոտեցավ նրան և անընդհատ առիթ էր ման գալիս Բեքիի մասին խոսելու, բայց բութ տղան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում։ Թոմը նայում էր ու նայում, հույսով լցվում ամեն անգամ, երբ վառ գույնի մի զգեստ էր երևում, և ատում էր դրա տիրոջը, երբ տեսնում էր, որ դա իր ուզածը չէ։ Ի վերջո, շրջազգեստները դադարեցին երևալուց, և նա վերջնականապես հուսահատության մեջ ընկավ։ Մտավ դպրոցի դատարկ սենյակը և նստեց տառապելու։ Հետո մի շրջազգեստ էլ անցավ դռնով, և Թոմի սիրտը սաստիկ տրոփեց։ Հաջորդ վայրկյանին նա դրսումն էր և հնդիկի պես «մոլեգնած» ճչում էր, ծիծաղում, տղաներին հալածում, կյանքի կամ հաշմանդամ դառնալու գնով ցանկապատի վրայով թռչում, ձեռքերի վրայով գլորվում, գլխի վրա կանգնում, անում էր իր իմացած բոլոր հերոսական արարքները և երկյուղով նայում, թե Բեքի Թեչըրը տեսնո՞ւմ է։ Բայց աղջիկն այդ բոլորի հանդեպ կարծես անտարբեր էր։ Նա չէր էլ նայում։ Կարո՞ղ էր պատահել, որ աղջիկը չնկատեր Թոմին։ Տղան իր գործունեությունը փոխադրեց աղջկա մոտերքը, սկսեց նրա շուրջը պտտվել մարտական կոչերով, վերցրեց տղաներից մեկի գլխարկը և գցեց դպրոցի կտուրը, խուժեց տղաների մի խմբի մեջ, նրանց այս ու այն կողմ գցելով և փռվեց Բեքիի քթի տակ, համարյա վախեցնելով նրան։ Աղջիկը շուռ եկավ, քիթը երկինքը տնկած, և Թոմը լսեց նրա խոսքերը․
― Փը՜ֆ, ոմանք կարծում են, թե իրենք շատ ճարպիկ են․․․ միշտ իրենց ցույց են տալիս։
Թոմի այտերը վառվեցին։ Նա իրեն հավաքեց, վեր կացավ տխուր, ընկճված և գլխիկոր մի կողմ քաշվեց։
Գլուխ XIII
Թոմը վճռել էր։ Նա ընկճված էր ու անհույս։ Մտածում էր, որ ինքը մոռացված և բարեկամներից զուրկ տղա էր, ոչ ոք չի սիրում իրեն։ Երբ իմանան, թե ինչ բանի են մղել իրեն, գուցե զղջան։ Փորձեց ուղղվել, բայց թույլ չտվին, որովհետև նրանք մի բան էին միայն ցանկանում․ իրենից ազատվել։ Ուրեմն, թող այդպես լինի, թող նրան մեղադրեն հետևանքների համար, ինչո՞ւ չէ։ Բարեկամ չունեցողը ի՞նչ իրավունք ունի դժգոհելու։ Այո, նրան ի վերջո մղել էին այդ բանին, նա կվարի ոճրագործի կյանք։ Ընտրություն չկար։ Մինչ այդ Թոմը հասել էր Միդս Լեյն մարգագետնի մյուս ծայրը և հեռվից լսեց աշակերտներին հետճաշյա դասի կանչող զանգի ձայնը։ Շատ ծանր էր։ Հակառակ իր կամքի, նա վռնդված էր ցուրտ աշխարհը․ պետք է հնազանդվեր։ Բայց Թոմը ներում էր մարդկանց։ Հետո արտասուքն ավելի ավելացավ։
Ճիշտ այդ պահին նա հանդիպեց իր մտերիմ ընկերոջը՝ մռայլ Ջո Հարպերին, որը, ըստ երևույթին, հոգում ուներ մի մեծ և դառը կսկիծ։ «Մի նպատակ ունեցող երկու ընկերները» անշուշտ իրար միացան։ Թևքով աչքերը սրբելով, Թոմն սկսեց ինչ֊որ բան ասել տնից փախչելու իր որոշման մասին, որտեղ նրա հետ խիստ էին վարվում և բանի տեղ չէին դնում։ Խոսեց արտասահման գնալու մասին, որտեղից երբեք չէր վերադառնալու։ Նա ավարտեց խոսքը, հուսալով, որ Ջոն իրեն չի մոռանա։
Բայց պարզվեց, որ Ջոն ուզում էր նման մի խնդրանք անել Թոմին և այդ նպատակով եկել էր նրան հանդիպելու։ Մայրը, ինչ֊որ կրեմ խմելու համար, որ նա նույնիսկ չէր համտեսել և այդ մասին ոչինչ չգիտեր, ծեծել էր նրան։ Պարզ էր, որ մայրը հոգնել էր իրենից և ցանկանում էր, որ որդին հեռանա։ Եթե նա այդպես էր զգում, տղային ոչինչ չէր մնում անել, բացի ենթարկվելուց։ Նա հույս ուներ, որ մայրը երջանիկ կլիներ և երբեք չէր զղջա իր խեղճ տղային դուրս քշելու համար, թեկուզ անզգա աշխարհում նա տառապի ու մահանա։
Մինչ երկու տղաները տխուր քայլում էին, նրանք խոսք տվին եղբայրների պես իրար թև֊թիկունք լինել և երբեք չբաժանվել, մինչև մահը ազատի նրանց այս տանջանքներից։ Հետո սկսեցին իրենց ծրագրերն առաջադրել։ Ջոն ուզում էր ճգնավոր դառնալ և ինչ֊որ քարանձավում ապրելով, ի վերջո մահանալ ցրտից, բայց լսելով Թոմին, նա համաձայնեց, որ հանցագործի կյանքը առավելություններ ունի և որոշեց ծովահեն դառնալ։
Սենտ֊Պիտերսբուրգից երեք մղոն հեռու, ուր Միսիսիպի գետը մեկ մղոնից ավելի լայնություն ունի, կար մի երկար ու նեղ անտառապատ կղզի, ծանծաղուտ, ավազոտ ծայրամասով, որը հարմար էր որպես ավազականոց։ Կղզին անմարդաբնակ էր, ընկած էր հակառակ ափի կողմը, որը ծածկված էր համարյա կուսական անտառով։ Ուրեմն՝ Ջեկսոնի կղզին ընտրված էր։ Թե ո՞վ էր լինելու նրանց ծովահենության «առարկան», այդ մասին չմտածեցին։ Հետո գտան Հեքլբերի Ֆիննին, որն անմիջապես միացավ տղաներին, որովհետև բոլոր ասպարեզները նրա համար մեկ էին․ նա անտարբեր էր։ Նրանք որոշեցին հանդիպել հարմար ժամին, այսինքն՝ կեսգիշերին, մի ամայի տեղում, ավանից երկու մղոն վերև, գետափին։ Այնտեղ կար փայտե մի փոքր լաստ, որը նրանք նպատակ ունեին գրավել։ Յուրաքանչյուրը խայծ, կարթեր և սննդամթերք պետք է բերեր, դրանք գողանալով հնարավորին չափ մութ ու խորհրդավոր ձևով, ինչպես վայել է ավազակներին։ Հետմիջօրեից առաջ նրանք հպարտությամբ քաղաքում լուր տարածեցին, թե շուտով քաղաքում «մի բան» պիտի լինի։ Այս անորոշ լուրը ստացողներին նախազգուշացնում էին «լուռ» մնալ ու սպասել»։
Կեսգիշերի մոտ Թոմը խոզի ապուխտով և ուրիշ ավարներով եկավ․․․ սպասեց խիտ խոտերի մեջ, մի ուղղաձիգ զառիթափի վրա, հանդիպման վայրի վերևում։ Աստղալույս էր և խաղաղ։ Հսկա գետը հանգստացող օվկիանոսի նման էր։ Թոմը մի պահ ականջը ձայնի պահեց, ոչ մի ձայն լռությունը չէր խզում։ Հետո ցածր, պայմանավորված ձևով սուլեց։ Նրան պատասխանեցին զառիթափի տակից։ Թոմը երկու անգամ էլ սուլեց։ Այդ ազդանշաններին նույն ձևով պատասխանեցին։ Հետո մի զուսպ ձայն ասաց․
― Ո՞վ է եկողը։
― Թոմ Սոյերը, Իսպանական ծովի Սև Վրիժառուն։ Ձեր անունը տվեք։
― Հեք Ֆինը՝ Արյունոտ Ձեռքը, և Ջո Հարպըրը՝ Ծովերի Սարսափը։
Այդ անունները Թոմը ընտրել էր իր սիրած գրքերից։
― Լավ, ասացեք պայմանական խոսքը։
Գիշերային խավարում երկու հոգի խռպոտ շշուկով արտասանեցին սարսափելի բառը․
«Արյուն»։
Թոմը զառիթափից գցեց ապուխտը և ետևից ցած գլորվեց, վնասելով մաշկը և շորերը։ Զառիթափի եզերքով դեպի ներքև հեշտ ու հարմարավետ ճանապարհ կար, բայց այն չուներ արկածի դժվարությունը և վտանգը, որը բարձր են գնահատում ծովահենները։
Ծովերի սարսափը բերել էր խոզապուխտի մի կող, որը շատ դժվարությամբ էր տեղ հասցրել։ Արյունոտ Ձեռքը՝ Ֆինը մի կաթսա էր գողացել և մի քիչ կիսաչոր ծխախոտ։ Բերել էր նաև եգիպտացորենի մի քանի ցողուն՝ ծխամորճ պատրաստելու համար, թեև բացի իրենից, ծովահեններից ոչ մեկը ոչ ծխում էր, ոչ ծամում։ Իսպանական Ծովի Սև Վրիժառուն հայտարարեց, որ չի կարելի առանց կրակի գործի անցնել։ Դա խելոք միտք էր․ այդ ժամանակ լուցկին համարյա հայտնի չէր։ Նրանք հեռվում՝ հարյուր յարդ վերև, մի լաստի վրա կրակ տեսան և զգուշությամբ գնացին այնտեղ ու մի խանձող վերցրին։ Այդ գործողությունը նրանք վերածեցին մի տպավորիչ արկածախնդրության․ իրար «հեյ» էին ասում երբեմն և հանկարծ կանգ առնում մատը շրթների վրա դրած, ձեռքերը դնում երևակայական դաշույնների վրա և կիսաձայն հրամաններ արձակում, եթե «թշնամին» շարժվի, դաշույնը «խրիր մինչև կոթը», որովհետև «մեռելները չէին մատնում»։ Նրանք շատ լավ գիտեին, որ լաստավորները քաղաք էին գնացել, որտեղ կամ քնած էին, կամ կերուխումով էին զբաղված, բայց դա պատճառ չէր, որ նրանք այդ բոլորն անեին ոչ ծովահենաբար։
Շուտով նրանք ճանապարհ ընկան։ Թոմը ղեկավարում էր լաստը, Հեքը ետևի թիակի մոտ էր, Ջոն՝ առջևի։ Թոմը կանգնել էր նավի մեջտեղում, հոնքերը կիտած, ձեռքերը կրծքին ծալած և հրամաններ էր արձակում ցածր, լուրջ շշուկով։
― Դեպի քամին, քամու ուղղությամբ։
― Լսում եմ, սըր։
― Ուղի՛ղ, ուղի՛ղ։
― Լսում եմ, ուղիղ, սըր։
― Առագաստները բացեք։
― Լսում եմ, առագաստները բացել, սըր։
Քանի որ տղաները լաստը քշում էին դեպի գետի մեջտեղը և միայն մի ուղղությամբ, անկասկած հասկանալի է, որ այս հրամանները տրվում էին ձևի համար և ոչինչ չէին նշանակում։
― Ո՞ր առագաստներն են բարձրացված։
― Ներքևի, վերևի և թռչողները, սըր։
― Կենտրոնականը բարձրացրեք․ ավելի եռանդով, քաջեր․ առջևի մասում ուշադիր եղեք․ ավելի եռանդով։
― Լսում եմ, սըր։
― Բաց թողեք առագաստը․ կենտրոնականը բարձրացրեք, ձեզ տեսնեմ, քաջեր։
― Լսում եմ, սըր։
― Քամու ուղղությամբ․ ձախ կողմի վրա։ պատրաստ եղեք ցամաքին մոտենալու։ Դեպի ցամաք, դե՛, տղերք, եռանդո՛վ, եռանդո՛վ։
― Լսում եմ, եռանդո՛վ, սըր։
Լաստը հասավ գետի մեջտեղը։ Տղաները լաստի գլուխն ուղղեցին և թիակները ցած դրին։ Գետը խորունկ չէր, երկու կամ երեք մղոնի արագություն ուներ։ Հաջորդ երեք քառորդ ժամվա ընթացքում նրանք գրեթե չխոսեցին։ Այժմ լաստն անցնում էր քաղաքի առջևով։ Մի քանի փայլփլող լույսեր ցույց էին տալիս քաղաքի տեղը, որը խաղաղ քնած էր, աստղերը իր մեջ ցոլացնող լայն ջրից այն կողմ, անտեղյակ մեծ իրադարձությանը։ Սև Վրիժառուն անչափ ուրախ էր։ Վերջերս տղան շատ էր վշտացել և ցանկանում էր, որ «նա կարողանար տեսնել իրեն այժմ, փոթորկալից ծովի վրա, կործանման և մահվան վտանգի մեջ, անվախ սրտով, տեսնել, թե ինչպես շրթների վրա մի դառը ժպիտ, նա գնում էր դեպի իր ճակատագիրը։ Երևակայության մի փոքր ճիգով Ջեկսոնի կղզին հեռացավ, քաղաքից անտեսանելի դարձավ, և տղան կոտրված, բայց գոհ սրտով «վերջին անգամ» նայեց հայրենի քաղաքին։ Մյուս ծովայիններն էլ նայում էին «վերջին անգամ»։ Նրանք այնքան երկար նայեցին, որ քիչ մնաց հոսանքը նրանց կղզուց հեռացներ։ Բայց ժամանակին նկատեցին վտանգը՝ կանխեցին։ Ժամը երկուսին լաստը ափ հասավ կղզու ծայրից երկու հարյուր յարդ հեռու։ Երկար ժամանակ գնում֊գալիս էին, բեռնաթափում իրենց ապրանքը։ Լաստից վերցրին նաև մի հին առագաստ և անտառի մի խուլ մասում դրանով մի վրան շինեցին՝ իրենց ունեցվածքը պահելու համար։ Լավ եղանակին պետք է բացօթյա քնեին, քանի որ ավազակներ էին։
Տղաները կրակ վառեցին մի մեծ կոճղի կողքին, անտառից քսան֊երեսուն քայլ հեռու և ընթրիքի համար մի քիչ խոզի միս տապակեցին, օգտագործելով խոզի մսի իրենց բերած ամբողջ պաշարի կեսը։ Նրանց հրաշալի թվաց այդպես ազատ ընթրելը անմարդաբնակ և չուսումնասիրված մի կղզու կուսական անտառում, հեռու մարդկային բնակությունից։ Նրանք ասում էին, որ այլևս քաղաքակիրթ կյանքին չեն վերադառնա։ Ծառերն ի վեր մագլցող կրակը լուսավորեց նրանց դեմքերը, և կարմիր բոցերն ընկան նրանց անտառե դղյակի ծառերի բների և տերևների վրա։ Երբ կերան տապակած մսի վերջին պատառը և սպիտակ հացի վերջին կտորը, տղաները գոհունակությամբ փռվեցին կանաչ խոտի վրա։ Նրանք կարող էին ավելի զով տեղ գտնել, բայց չէին ուզում իրենց զրկել այդքան ռոմանտիկ տեսարանից, ինչպիսին էր հանգչող կրակը։
― Հրաշալի է, չէ՞, ― ասաց Ջոն։
― Հրաշալի է, ― պատասխանեց Թոմը։
― Ի՞նչ կասեին տղաները, եթե կարողանային մեզ տեսնել։
― Ինչ կասեի՞ն․ պարզապես նախանձից կմեռնեին, չէ՞, Հեքի։
― Անշուշտ, ― ասաց Հեքլբերին, ― բոլոր դեպքերում ես գոհ եմ։ Սրանից լավ բան ինձ պետք չէ։ Ուտելու հարցում պահանջկոտ չեմ, հետո էլ այստեղ ոչ ոք չի գա, առանց պատճառի ինձ չի ծեծի, վատ խոսքեր չի ասի։
― Իմ ուզած կյանքն է, որ կա, ― ասաց Թոմը։ ― Ստիպված չես առավոտները շուտ վեր կենալ և ստիպված չես դպրոց գնալ, լվացվել ու անել մնացած բոլոր հիմարությունները։ Տեսնու՞մ ես, Ջո, ծովահենը, երբ ցամաք է դուրս եկել, անելու ոչինչ չունի, մինչդեռ ճգնավորը պարտավոր է բավական շատ աղոթքներ անել ու ոչ մի հաճույք չստանալ, միշտ մենակ լինել։
― Այո, այդպես է, ― ասաց Ջոն, ― բայց, գիտե՞ս ինչ, ես այդ մասին երկար չեմ մտածել։ Այժմ, երբ փորձել եմ, նախընտրում եմ ծովահեն լինել, քան ճգնավոր։
― Տեսնո՞մ ես, ― ասաց Թոմը, ― մեր օրերում մարդիկ ճգնավորներին շատ չեն հարգում, ինչպես նախկինում, մինչդեռ ծովահենը միշտ հարգված է։ Բացի այդ, ճգնավորը պարտավոր է քնել ամենակոշտ տեղերում, հագնել ցնցոտիներ, գլխին մոխիր ցանել, կանգնել անձրևի տակ և․․․
― Ինչպե՞ս է ցնցոտիներ հագնում և գլխին մոխիր ցանում, ― հարցրեց Հեքը։
― Չգիտեմ, բայց պարտավոր են այդպես անել։ Ճգնավորները միշտ այդպես են անում։ Պարտավոր ես, եթե ճգնավոր ես։
― Ես այդպես չէի անի, եթե լինեի, ― ասաց Հեքը։
― Հապա ի՞նչ կանեիր։
― Չգիտեմ, բայց այդպես չէի անի։
― Բայց, Հեք, դու պարտավոր էիր․ հապա ինչպե՞ս կապրեիր։
― Ես պարզապես դրան չէի դիմանա։ Ես կփախչեի։
― Փախչել։ Դու լավ ճգնավոր կդառնայիր․ քեզ կնզովեին։
Արյունոտ Ձեռքը չպատասխանեց, որովհետև զբաղված էր ավելի հետաքրքրական գործով։ Մաքրել էր մի ցողուն, ծխախոտով լցրել, իսկ այժմ կրակը կպցրած ծխի ամպ էր փչում դուրս։ Նա երանության մեջ էր։ Մյուս ծովահենները նախանձեցին նրա այս արքայական վայելքին և գաղտնի որոշեցին կարճ ժամանակում տիրապետել դրան։ Այդ պահին Հեքը հարցրեց․
― Իսկ ի՞նչ են անում ծովահենները։
Թոմը պատասխանեց․
― Նրանք պարզապես ուրախ կյանք են վարում․ նավեր են գրավում ու այրում, փողը վերցնում են, թաքցնում իրենց կղզու շատ գաղտնի վայրերում, որտեղ այդ իրերին հսկող ուրվականներ կան։ Ծովահենները սպանում են նավերի մեջ եղած բոլոր մարդկանց և ծովն են թափում։
― Իսկ կանանց տանում են կղզի, ― լրացրեց Ջոն։ ― Նրանք կանանց չեն սպանում։
― Ոչ, կանանց չեն սպանում, ― հաստատեց Թոմը։ ― Նրանք շատ ազնիվ են, իսկ կանայք միշտ սիրուն են լինում։
― Եվ հագնում են ամենաշքեղ հագուստները։ Չէ՞։ Օ՜, ոսկու, արծաթի ու գոհարների մեջ լողում են, ― ասաց Ջոն ոգևորված։
― Ովքե՞ր, ― ասաց Հեքը։
― Ծովահենները։
Հեքը շփոթված նայեց իր հագուստներին։
― Ինձ թվում է, որ ես ծովահենի հարմար հագուստներ չունեմ, ― ասաց նա տխրաձայն, ― բայց եթե բացի սրանից, ուրիշը չեմ ճարե՜լ։
Տղաներն ասացին, որ գեղեցիկ հագուստներն շուտով կլինեն, երբ սկսեն իրենց արկածները։ Նրանք համոզեցին Հեքին, որ այդ հագուստները հարմար էին գործ սկսելու համար, թեև հարուստ ծովահենի համար սովորություն էր հարմար հանդերձանքով սկսել։
Աստիճանաբար զրույցն ընդհատվեց, և քունն սկսեց իջնել փոքրիկ թափառականների աչքերին։ Ծխախոտն ընկավ Արյունոտ Ձեռքի մատների արանքից, և նա քնեց խիղճը հանգիստ ու հոգնած մարդու քնով։ Ծովերի Սարսափը և Իսպանական Ծովի Սև Վրիժառուն ավելի դժվար քնեցին։ Նրանք գաղտնի, պառկած աղոթեցին։ Դե՛, ոչ ոք չկար, որ նրանց ստիպեր ծունկի գալ և բարձրաձայն աղոթել։ Իրականում նրանք մտադիր էլ չէին աղոթել, բայց վախենում էին այդքան առաջ գնալուց, վախենում էին Երկնքի հանկարծական և հատու կայծակից։ Հետո անմիջապես հասան քնելու սահմանին, բայց նրանց տիրեց ինչ֊որ ներքին երկյուղ, որը չէր անցնում։ Դա խիղճն էր։ Նրանք սկսեցին տարտամ մի վախ զգալ, որ սխալ են վարվում տնից փախչելով, հետո մտածեցին գողացված մսի մասին, և իսկական տանջանքը պաշարեց նրանց։ Սկսեցին վիճել խղճի հետ, նրան հիշեցնելով, որ առաջներում էլ բազմիցս կարկանդակ և խնձոր են թռցրել։ Բայց խիղճը չէր հանգստանում, շատ թույլ համարելով այդ պատճառաբանությունները։ Նրանց ի վերջո թվում էր, որ կարկանդակ և խնձոր թռցնելը պարզապես թռցնել է, մինչդեռ խոզի միս և ուրիշ արժեքավոր բաներ վերցնելը՝ «գողություն» և դրա դեմ ավետարանում գրված պատվիրան կար։ Նրանք ներքնապես որոշեցին, որ քանի ծովահենությամբ են զբաղվում, երբեք գողությամբ չեն արատավորի ծովահենի պատիվը։ Խիղճը զինադադար կնքեց, և այս անհետևողական ու տարօրինակ ծովահենները խաղաղ քնեցին։
Գլուխ XIV
Առավոտյան, երբ Թոմն արթնացավ, չիմացավ, թե որտեղ է գտնվում։ Նստեց աչքերը տրորեց և նայեց շուրջը։ Հետո հասկացավ։ Զով ու գորշ առավոտ էր, և անտառը խորունկ անդորրի և լռության մեջ հանգիստ ու խաղաղ էր։ Ոչ մի տերև չէր շարժվում, ոչ մի ձայն չէր խանգարում բնության մտորումները։ Տերևների ու խոտերի վրա իջել էր մարգարտանման ցողը։ Կրակը ծածկված էր մոխրի սպիտակ շերտով, և ծխի կապույտ մի երիզ ուղիղ երկինք էր բարձրանում։ Ջոն ու Հեքը դեռ քնած էին։ Հեռվում, անտառի խորքում մի թռչուն ճչաց։ Մի ուրիշը պատասխանեց։ Լսվեց փայտփորիկի թխկթխկոցը։ Աստիճանաբար վաղորդյան կապույտ մշուշն սպիտակեց, ձայներն աստիճանաբար բազմապատկվեցին, և կյանքը ինքն իրեն զգացնել տվեց։ Քնից արթնացող և աշխատանքն սկսող բնության հրաշքը ծավալվում էր մտախոհ տղայի առջև։ Մարմնի երկու երրորդը օդում կախելով՝ մի կանաչ որդ եկավ շրջապատը չափելով և նորից առաջ գնալով։ Երբ որդը շարժվեց դեպի Թոմը, սա քարի պես անշարժ մնաց։ Տղայի ուրախությունը պակասում կամ ավելանում էր, նայած այդ արարածը իր կողմ էր գալիս, թե հեռանում։ Իսկ երբ, ի վերջո, իր ոլորապտույտ մարմնով օդում մեծ ճիգ գործ դնելով՝ որդը վճռականորեն բարձրացավ Թոմի ոտքի վրա ու սկսեց ոտքի վրայով ճանապարհորդել, տղան ամբողջ սրտով ցնծում էր։ Դա նշանակում էր, որ նա մի նոր զգեստ էր ունենալու․ անկասկած, ծովահենի մի շքեղ համազգեստ։ Այդ պահին, չգիտես որտեղից, երևաց մրջյունների մի թափոր և գործի անցավ։ Մեկն սկսեց քաջաբար քարշ տալ իրենից հինգ անգամ մեծ մի սատկած սարդ և ծառի բնով բարձրացնել վեր։ Սև բծերով զատիկը բարձրացավ մի ցողունի՝ իր համար սարսափելի բարձր ծայրը, և Թոմը թեքվեց դեպի այն և ասաց․
Զատիկ, թռիր տուն, ուժ տուր թևերիդ,
Տունդ վառվում է, փրկիր ձագերիդ․․․
Եվ զատիկը թևերը բացելով, թռավ ձագերին փրկելու։ Այդ բանը տղային շշմեցրեց։ Նա վաղուց գիտեր, որ այս միջատը դյուրահավատ է հրդեհի նկատմամբ։ Թոմը բազմիցս փորձել էր զատիկի պարզամտությունը։ Այնուհետև եկավ մի բզեզ՝ հազիվ քարշ տալով իր մարմինը, և Թոմը մատով կպավ, տեսնելու, թե ինչպես է դա ոտքերը ներս քաշելու և մեռած ձևանալու։ Մինչ այդ թռչունները բավական աղմկում էին։ Մի կատվաթռչուն, հյուսիսային ծաղրածուն, նստեց Թոմի գլխավերևը, և սկսեց հարևանների երգի տնազն անել։ Հետո կապույտ բոցի նման օդում երևաց ճայեկը և նստեց մի ճյուղի, որին Թոմի ձեռքը կհասներ, գլուխը թեքեց մի կողմի վրա և ագահ հետաքրքրությամբ նայեց օտարականներին։ Մի գորշ սկյուռ, նրա ետևից աղվեսանման մի ուրիշ գազանիկ սլանալով անցան։ Ժամանակ առ ժամանակ նստում էին, դիտում տղաներին և այդ մասին կարծիք փոխանակում, քանի որ այդ վայրի գազանիկները հավանաբար մարդիկ չէին տեսել և չգիտեին պետք է վախենա՞լ, թե ոչ։ Մինչ այդ ամբողջ բնությունը լրիվ արթնացել էր։ Արևի երկար նետերը տեղ֊տեղ ճեղքեցին խիտ սաղարթը, և մի քանի թիթեռնիկներ թռչկոտելով բեմ դուրս եկան։
Թոմն արթնացրեց մյուս ծովահեններին, և բոլորն աղմուկով առաջ վազեցին։ Մի վայրկյանում մերկացան, ընկան իրար հետևից, սկսեցին միմյանց քաշքշել սպիտակ ավազի վրա և գոլ ջրի ծանծաղուտում։ Նրանք չէին կարոտում փոքրիկ քաղաքը, որ քնած էր հեռվում, արքայաբար տարածվող ջրի մյուս կողմում։ Մի ուժեղ հոսանք կամ գետի փոքր֊ինչ բարձացում քշել տարել էր նրանց լաստը, բայց տղաները դրանից գոհ մնացին, որովհետև դա նշանակում էր այրել նրանց և քաղաքակրթության միջև եղած կամուրջը։
Տղաները ճամբար վերադարձան հրաշալիորեն թարմացած, ուրախ և սաստիկ սոված։ Շուտով բոցավառվեց ճամբարային խարույկը։ Հեքը մոտակայքում գտավ վճիտ, սառը ջրի մի աղբյուր, տղաները ընկուզենու և կաղնու լայն տերևներից բաժակներ սարքեցին, զգալով, որ ջուրը, անտառի վայրի գեղեցկությանը միացած, կարող է շատ լավ փոխարինել սուրճին։ Ջոն նախաճաշի համար սկսեց ապուխտ կտրատել, բայց Թոմը ու Հեքը ասացին, որ մի քիչ սպասի։ Գետափին գտան մի խոստումնալից անկյուն և այնտեղ գցեցին իրենց կարթերը։ Համարյա անմիջապես վարձատրվեցին։ Ջոն համբերությունը դեռ չէր կորցրել, երբ նրանք վերադարձան, հետները բերելով բավական քանակությամբ կարմրախայտ, մի քանի արևաձուկ և մի փոքր կատվաձուկ։ Այդ բոլորը բավական էր մի ամբողջ ընտանիքի։ Ձուկը ապուխտի հետ տապակեցին և զարմացան․ ոչ մի ձուկ, մինչ այդ, այդքան համեղ չէր թվացել։ Չգիտեին, որ ինչքան շուտ է գետի ձուկը կրակի վրա դրվում, այնքան համեղ է լինում, չէին մտածում, թե ինչ լավ համեմունք է բացօթյա կյանքը, լողանալը և մանավանդ քաղցը։
Նախաճաշից հետո ստվերում պառկեցին մինչև Հեքը ծխեց, ապա գնացին անտառը հետախուզելու։ Նրանք ուրախ քայլում էին փտող ճյուղերի վրայով, անցնում թփուտների միջով, անտառի արքաների՝ մեծ ծառերի արանքով, որոնք վերից֊վար պատած էին վայրի խաղողի որթով։ Երբեմն հանդիպում էին կանաչ գորգով ծածկված և ծաղիկներով զարդարված հրաշալի անկյունների։
Շատ բաներ գտան, որոնք ուրախացրին նրանց, բայց ոչ մի բան չզարմացրեց։ Գտան, որ կղզին մոտ երեք մղոն երկարություն և քառորդ մղոն լայնություն ունի, որ ամենամոտիկ ափը, կղզուց բաժանված է հազիվ երկու հարյուր յարդ լայնությամբ մի նեղուցով։ Համարյա ժամը մեկ լողանում էին, դրա համար էլ ճամբար վերադարձան հետմիջօրեին։ Սաստիկ սոված էին և չէին կարող ձկնորսություն անել, բայց մեծ ախորժակով սառը ապուխտ կերան, ապա ստվերում պառկեցին զրուցելու։ Շուտով զրույցը դանդաղեց, ապա բոլորովին դադարեց։ Անտառի լռությունը, հանդիսավորությունը և մենակության զգացումը սկսեցին ներգործել տղաների վրա։ Նրանք մտածմունքի մեջ ընկան։ Մի անբացատրելի թախիծ պատեց նրանց։ Այդ ի վերջո որոշակի դարձավ․ տան կարոտն էր։ Նույնիսկ Արյունոտ Ձեռք Ֆինը երազում էր պատշգամբներ ու դատարկ տակառներ։ Բայց բոլորն էլ ամաչում էին իրենց թուլության համար և ոչ մեկն այնքան քաջ չէր, որ իր մտածածի մասին խոսեր։
Որոշ ժամանակ էր արդեն, ինչ տղաները, առանց ուշադրություն դարձնելու, հեռվից մի տարօրինակ ձայն էին լսում, ինչպես մարդիկ լսում են ժամացույցի թիքիթաքը, առանց անդրադառնալու դրան։ Բայց այժմ այդ խորհրդավոր ձայնը դարձավ ավելի շեշտված, ստիպեց լսել։ Տղաներն ականջ դրին և իրար նայեցին։ Մի երկարատև լռություն տիրեց, խորունկ ու անխախտ, հետո հեռվից լսվեց մի խուլ, ահեղ «բոմ»։
― Այդ ի՞նչ է, ― հարցրեց Ջոն շշուկով։
― Չեմ հասկանում, ― պատասխանեց Թոմը շշուկով։
― Դա կարևոր չէ, ― ասաց Հեքլբերին ահաբեկված տոնով, ― որովհետև կայծակը․․․
― Լսիր, ― ասաց Թոմը, ― լսիր, մի խոսիր։
Նրանք մի պահ սսկվեցին, որը նրանց մի դար թվաց, հետո նույն «բոմ»֊ը խանգարեց հանդիսավոր լռությունը։
― Գնանք տեսնենք։
Նրանք վեր թռան և շտապեցին դեպի քաղաքի կողմի ափը։ Ետ տվեցին ափի թփերը և նայեցին ջրի մակերեսին։ Մի փոքր շոգենավ, որ ծառայում էր մի ափից մյուսը մարդիկ տեղափոխելու, քաղաքից մի մղոն ցածր, հոսանքով լողում էր։ Ընդարձակ տախտակամածը մարդկանցով լեցուն էր։ Բազմաթիվ մակույկներ, շոգենավը շրջապատած, գետի հոսանքով ցած էին իջնում, բայց տղաները չէին կարողանում հասկանալ, թե ինչ էին անում նավակների միջի մարդիկ։ Հանկարծ մի մեծ սպիտակ ծուխ դուրս թռավ շոգենավի կողքից և մինչ ծուլորեն տարածվում էր ու բարձրանում, նույն խուլ աղմուկը նորից լսվեց։
― Արդեն հասկացա, ― բացականչեց Թոմը, ― ինչ֊որ մեկը խեղդվել է։
― Ճիշտ է, ― ասաց Հեքը, ― այդ նույն բանը արեցին անցյալ ամառ, երբ Բիլ Տերնըրը խեղդվել էր։ Ջրի վրա թնդանոթ արձակեցին․ դա խեղդվողին ստիպում է ջրի երեսը դուրս գալ։ Այո, վերցնում են նաև հաց ու արծաթ և գցում ջուրը։ Այնտեղ, ուր ջրահեղձ է լինում, հացն ու արծաթը կանգ են առնում։
― Այո, այդ մասին լսել եմ, ― ասաց Ջոն։ ― Բայց չեմ հասկանում, թե ինչից է, որ հացը կանգ է առնում։
― Այստեղ գլխավորը հացը չէ, ― ասաց Թոմը, ― ինձ թվում է, որ կարևորը հացի վրա, ջուրը գցելուց առաջ, ասված խոսքերն են։
― Բայց ոչ մի խոսք չեն ասում հացի վրա, ― ասաց Հեքը։ ― Ես տեսել եմ, ոչինչ չեն ասում։
― Տարօրինակ է, ― ասաց Թոմը, ― գուցե ցածր ձայնով են ասում, իրենք իրենց։ Անշուշտ ասում են։ Կարելի է իսկույն գլխի ընկնել։
Մյուս տղաները համաձայնեցին, որ Թոմի ասածի մեջ տրամաբանություն կա, որովհետև հացի հասարակ կտորը, առանց կախարդանքի, չէր կարող խելացի կերպով գործել, երբ ուղարկվում էր այդքան լուրջ գործի համար։
― Է՜հ, ինչքան կուզեի այժմ այնտեղ լինել, ― ասաց Ջոն։
― Ես էլ, ― ասաց Հեքը։ ― Ամեն ինչ կտայի, իմանալու համար, թե ո՞վ է խեղդվել։
Տղաները շարունակում էին նայել և լսել։ Հանկարծ Թոմի գլխում մի միտք ծագեց, նա բացականչեց․
― Տղաներ, ես գիտեմ, թե ով է խեղդվել։ Այդ մենք ենք։
Մի րոպեում նրանք իրենց հերոսներ զգացին։ Ահա մի հոյակապ հաղթանակ․ նրանց փնտրում էին, սգում, նրանց համար սրտեր էին ճմլվում, արցունքներ էին թափվում։ Գլուխ էին բարձրացրել տղաներին ցույց տրված անխիղճ վերաբերմունքը դատապարտող հիշողությունները և զղջման ու խղճի խայթի զգացմունքները։ Բայց, ամենակարևորը, ամբողջ քաղաքը խոսում է ջրահեղձների մասին, և բոլոր տղաները նախանձում են նրանց փառքին։ Դա հրաշալի էր։ Այս բանից հետո արժեր ծովահեն լինել։
Երբ մթնշաղն իջավ, շոգենավը վերադարձավ իր սովորական աշխատանքին, իսկ մակույկները անհետացան։ Ծովահենները վերադարձան իրենց ճամբարը։ Նրանք սնափառությամբ հրճվում էին իրենց նոր մեծությամբ և այն գլխացավանքով, որ պատճառել էին։ Նրանք ձուկ որսացին, ընթրիք պատրաստեցին, կերան և սկսեցին գուշակել, թե ի՞նչ էր քաղաքը մտածում ու խոսում իրենց մասին։ Ընդհանուր վշտի նրանց պատկերացրած տեսարանները հաճելի էին։ Բայց գիշերվա խավարը գրկեց տղաներին, նրանք աստիճանաբար դադարեցին խոսել և սկսեցին սևեռուն նայել կրակին։ Մտովի, անկասկած, թափառում էին հեռուներում։ Քիչ առաջվա ուրախությունը անցել էր, և Թոմն ու Ջոն հիշում էին իրենց հարազատներին, որոնք հազիվ թե հաճույքով վայելեին այս չարաճճիության պտուղները։ Տարակուսանքը պաշարեց նրանց։ Իրենց անհանգիստ ու դժբախտ զգացին։ Նրանց շրթներից ակամա հառաչանքներ դուրս թռան։ Զգուշությամբ Ջոն միամտաբար հարցրեց, թե ի՞նչ են մտածում մյուսները քաղաքակրթության վերադառնալու մասին, անշուշտ, ոչ անմիջապես, այլ․․․
Թոմը նրան ծաղրեց։ Հեքը, որ դեռևս մասնակից չէր այդ զգացումներին, Թոմի կողմն անցավ, և տատանվող Ջոն անմիջապես «բացատրեց», ուզեց արդարանալ։ Նա ուրախ էր, որ այդքան քչով ազատվեց վախկոտության և տան կարոտ քաշելու մեղադրանքից։ Ապստամբությունն այս անգամ ճնշվեց։
Գիշերը խորացավ։ Հեքն սկսեց ննջել և ի վերջո խռմփացնել։ Ջոն հետևեց նրան։ Թոմը արմունկին հենված որոշ ժամանակ անշարժ պառկած էր և սևեռուն նայում էր մյուս երկուսին։ Հետո զգուշությամբ վեր կացավ ծնկների վրա, սկսեց կրակի լույսով խոտերի մեջ ինչ֊որ բան փնտրել։ Գտավ, զննեց կեչու կեղևի խողովակաձև կտորները, ի վերջո ընտրեց երկուսը, որոնք նրան հարմար թվացին։ Հետո կրակի մոտ ծունկի եկավ և դժվարությամբ յուրաքանչյուրի վրա ինչ֊որ բան գրեց։ Մեկը դրեց իր բաճկոնի գրպանը, իսկ մյուսը՝ Ջոյի գլխարկի վրա, որը նա տիրոջից մի փոքր հեռացրեց։ Նա գլխարկի մեջ դպրոցականի համար անգնահատելի արժեք ունեցող իրեր դրեց, կավճի մի կտոր, ռետինե գնդակ, երեք կարթ և մի գնդիկ, որ «մաքուր բյուրեղ» է կոչվում։ Հետո զգուշությամբ, ոտքի մատների վրա, գնաց ծառերի արանքով։ Երբ զգաց, որ անցել է լսելիության սահմանը, ամբողջ թափով վազեց դեպի ավազոտ ափը։
Գլուխ XV
Մի քանի րոպե անց Թոմը ծանծաղ ջրի մեջ էր ու գնում էր դեպի Իլինոյսի ափը։ Նախքան ջուրը մեջքին հասներ, նա կես ճանապարհն անցել էր։ Հոսանքը չէր թողնում ոտքով ավելի գնալ։ Նա սկսեց վստահորեն մնացած հարյուր յարդը լողալ։ Լողաց հոսանքի դեմ, բայց դեպի ներքև քշվեց ավելի արագ, քան սպասում էր։ Ի վերջո ափ հասավ և եզերքով իջավ, մինչև որ ցածրադիր տեղ գտավ ու դուրս եկավ։ Նա ձեռքը դրեց բաճկոնի գրպանի վրա և համոզվելով, որ կեղևի կտորը անվնաս է, գնաց ափի ուղղությամբ, անտառի միջով, ուշադրություն չդարձնելով շորերից կաթող ջրին։ Շուտով, ժամը տասից առաջ նա հասավ մի բաց տարածություն՝ քաղաքի դիմաց և տեսավ շոգենավը, որը բարձր ափի մոտ, ծառերի տակ կանգնած էր։ Ամեն ինչ խաղաղ էր փայլփլող աստղերի տակ։ Ուշադիր նայելով, նա ափից իջավ ջուրը, մի քանի քայլ լողաց և բարձրացավ այն նավակը, որը կապված էր շոգենավի ետևից։ Նա իրեն գցեց նավակի հատակին և սրտատրոփ սպասեց։ Լսվեց զանգակի խզված ձայնը, ու մեկը հրամայեց․ «Բաց թող»։ Մի քանի րոպե հետո շոգենավի կողը բարձրացավ նավակից վեր, և ճանապարհորդուցյունը սկսվեց։ Թոմը երջանիկ էր իր հաջողության համար․ գիտեր, որ շոգենավի այդ գիշերվա վերջին երթն էր։ Տասներկու կամ տասնհինգ երկարատև րոպեից հետո անիվները կանգ առան, և Թոմը նավակից դուրս սողալով, մթան մեջ լողաց դեպի ափը, դուրս գալով հիսուն յարդ այն կողմ, հավանական անցորդների տեսողությունից հեռու։ Նա գնաց անմարդ փողոցներով ու շուտով հայտնվեց մորաքրոջ տան ետևի ցանկապատի դիմաց։ Մագլցելով անցավ ցանկապատը և հյուրասենյակի լուսամուտից ներս նայեց, քանի որ այնտեղ լույս էր վառվում։ Նստած էին մորաքույր Պոլին, Մերին, Սիդը և Ջո Հարպըրի մայրը ու զրուցում էին։ Մահճակալի մոտ էին, իսկ մահճակալը նրանց ու դռան միջև էր։ Թոմը սողաց դեպի դուռը և զգուշությամբ փակը բացեց։ Հետո կամացուկ հրեց դուռը, որը ճռնչաց։ Նա շարունակեց զգուշությամբ հրել և յուրաքանչյուր ճռինչից ցնցվել, մինչև որոշեց, որ կարող է ծնկաչոք անցնել։ Նա գլուխը մտցրեց ու սկսեց զգուշությամբ առաջ գնալ։
― Ինչի՞ց է մոմի լույսը այդպես երերում, ― ասաց մորաքույր Պոլին։ Թոմը շտապեց սողալ․ ― երևի դուռը բաց է, օ՜, անշուշտ։ Տարօրինակ դեպքերին վերջ չկա։ Սիդ, գնա դուռը ծածկիր։
Թոմը ճիշտ ժամանակ անհետացավ մահճակալի տակ։ Նա մի առժամանակ ազատ շունչ քաշեց, այնուհետև սողաց առաջ, որտեղից կարող էր համարյա կպչել մորաքրոջ ոտքերին։
― Ինչպես ասում էի, ― ասաց մորաքույր Պոլին, ― նա վատը չէր, միայն, այսպես ասած, չարաճճի էր, պարզապես հեղեղուկ, գլխում քամիներ։ Մտրուկի պես իր արածի համար պատասխանատվություն չէր զգում։ Նա երբեք վատություն չէր ուզում անել և ամենամաքուր սիրտ ունեցող տղան էր, ― մորաքույրը սկսեց լաց լինել։ Աստված թող ինձ ների, ես նրան իզուր նեղացրի սերուցքը վերցնելու համար, չմտածելով, որ դա թթված էր և ինքս դուրս թափեցի։ Էլ երբեք չեմ տեսնի նրան այս աշխարհում, երբեք, երբեք, իմ խեղճ երեխա։ ― Եվ տիկին Հարպըրը սկսեց նույնպես լաց լինել․ կարծես սիրտը կտոր֊կտոր էր լինում։
― Ես հույս ունեմ, որ նա երկնքում այժմ իրեն լավ է զգում, ― ասաց Սիդը, ― բայց եթե որոշ տեսակետից իրեն այստեղ լավ պահեր․․․
― Սիդ, ― Թոմն զգաց ծեր կնոջ աչքերի հայացքը, թեև չէր կարող տեսնել։ ― Ոչ մի խոսք իմ Թոմի մասին, երբ նա արդեն մեկնել գնացել է այս աշխարհից։ Աստված կհոգա նրա մասին, հանգիստ կաց։ Օ՜հ, տիկին Հարպըր, չգիտեմ՝ ինչպե՞ս մոռանամ նրան, չգիտեմ՝ ինչպե՞ս մոռանամ։ Նա այնպիսի մխիթարանք էր ինձ համար, թեև, ընդհանրապես, տանջում էր իմ խեղճ սիրտը։
― Աստված տվեց և աստված առավ, օրհնյալ լինի աստծո կամքը։ Բայց շատ ծանր է, օ՜, շատ ծանր է։ Դեռ անցյալ շաբաթ իմ Ջոն խաղալիք֊ատրճանակով կրակեց քթիս տակ, և ես այնպես շրխկացրի, որ գետին ընկավ։ Այդ ժամանակ ես չգիտեի, թե շուտով․․․ Է՜հ, եթե մի անգամ էլ աներ, ես նրան կհամբուրեի ու կօրհնեի դրա համար։
― Այո, այո, գիտեմ, թե ինչ ես զգում, տիկին Հարպըր։ Ես լավ գիտեմ, թե ինչ ես զգում։ Դեռ երեկ կեսօրին իմ Թոմը կատվի բերանը «ցավ կտրող» դեղ լցրեց, և ես կարծեցի, թե այդ արարածն ամբողջ տունն իրար է խառնելու։ Եվ աստված թող ինձ ների, ես մատնոցով խփեցի Թոմի գլխին։ Խեղճ երեխա, իմ խեղճ մեռած տղա։ Բայց այժմ վերջացան նրա բոլոր չարությունները։ Եվ վերջին խոսքը, որը նա ինձանից լսեց, հանդիմանությունն էր։
Այս հիշողությունը չափազանց ծանր էր ծեր տիկնոջ համար, և նա դառնորեն լաց եղավ։ Թոմը նույնպես լաց էր լինում։ Նա ինքն իրեն ավելի էր խղճում, քան որևէ մեկը։ Նա լսում էր Մերիի լացը և մեկ֊մեկ իր մասին նրա ասած քնքուշ խոսքերը։ Սկսեց իր մասին ավելի լավ կարծիք կազմել։ Մորաքրոջ վիշտը նրան շատ հուզեց, և նա ուզեց դուրս թռչել անկողնու տակից ու խեղճ պառավին երջանկացնել։ Այդ տեսարանի թատերական հոյակապությունը չափազանց գրավիչ էր, բայց տղան դիմադրեց և անշարժ պառկեց։ Նա շարունակեց լսել ու կցկտուր խոսքերից սկզբում իմացավ, որ իրենք՝ տղաները, լողանալիս խեղդվել էին։ Հետո փոքր լաստը կորել էր։ Հետո էլ մի քանի տղաներ ասել էին, թե կորածները նախազգուշացրել էին, թե քաղաքը շուտով մի բան պետք է լսի։ Խելացի գլուխներն ի մի էին բերել այդ բոլորը և որոշել, որ տղաները լաստով հեռացել են և շուտով հաջորդ քաղաքից ետ կուղարկվեն։ Բայց կեսօրվա մոտ լաստը գտնվել էր քաղաքից հինգ թե վեց մղոն ցածում, Միսուրիի ափին, և հույսը մարեց։ Պետք է խեղդված լինեն, այլապես քաղցը նրանց տուն քշած կլիներ երեկոյան, եթե ոչ ավելի շուտ։ Համոզված էին, որ դիակների որոնումը անօգուտ էր, որովհետև ջրահեղձությունը ջրանցքի կենտրոնում պետք է եղած լիներ, և լավ լողորդներ լինելով, կարող էին ափ դուրս գալ։ Այսօր չորեքշաբթի գիշեր էր։ Եթե մարմինները մինչև կիրակի չգտնվեն, ամեն հույս պետք էր կորած համարել և առավոտյան հոգեհանգիստ կատարել։ Թոմը սարսռաց։
Միսիս Հարպըրը արտասվելով բարի գիշեր մաղթեց ու շուռ եկավ գնալու։ Հետո, ներքին նույն մղումով երկու որդեկորույս մայրերը իրար գիրկ նետվեցին և կուշտ լաց եղան ու մխիթարվելով բաժանվեցին։ Մորաքույր Պոլին շատ ավելի քնքուշ էր, երբ Սիդին ու Մերիին բարի գիշեր էր մաղթում։ Սիդը մի փոքր հեկեկաց, և Մերին հեկեկալով հեռացավ։
Մորաքույր Պոլին ծունկի եկավ և Թոմի համար աղոթեց այնպես հուզիչ, այնպես աղերսական ձևով, այնպիսի դողացող ձայնով, բառերի մեջ դնելով անսահման սիրո այնպիսի խոսքեր, որ նորից սկսեց արտասվել, թեև աղոթքը դեռ չէր ավարտել։
Նրա պառկելուց հետո երկար ժամանակ Թոմն ստիպված էր մահճակալի տակ մնալ, որովհետև մորաքույրը շարունակ շուռումուռ էր գալիս, հազում և երբեմն֊երբեմն խորտակված սրտով հառաչում։ Բայց ի վերջո նա անշարժացավ, միայն քնի մեջ երբեմն տնքում էր։ Այդ ժամանակ Թոմը դուրս եկավ մահճակալի տակից, դանդաղ ոտքի կանգնեց մահճակալի կողքին և ձեռքով մոմի լույսը ծածկելով, նայեց նրան։ Թոմի սիրտը նրա նկատմամբ խղճահարությամբ լցվեց։ Նա գրպանից հանեց կեղևը և դրեց մոմի կողքին։ Բայց մի բան հիշեց ու սկսեց մտածել։ Նրա դեմքը փայլեց իր մտածած երջանիկ լուծումից։ Նա արագ գրպանը դրեց կեղևը, համբուրեց մորաքրոջ թառամած շրթունքները և անմիջապես անձայն դուրս եկավ, դուռը ետևից ծածկելով։
Նա վերադարձավ նավահանգիստը և ոչ ոքի չգտնելով այնտեղ, համարձակ նավակ բարձրացավ․ գիտեր, որ բացի պահակից (սա էլ շարունակ լինում էր խցում և քնում արձանի նման), այդտեղ ուրիշ մարդ չէր լինի։ Նա արձակեց մակույկը, ներս սողաց և սկսեց զգուշությամբ թիավարել հոսանքն ի վեր։ Երբ քաղաքից մի մղոն բարձրացել էր, կտրեց անցավ հոսանքը և հասավ դիմացի նավահանգիստը։ Այդ բոլորը նրա համար սովորական գործ էր։ Նա շատ էր ուզում յուրացնել նավակը, պատճառաբանելով, թե մակույկը կարելի էր նավի տեղ ընդունել և ծովահենների օրինական ավար համարել, բայց իմանալով, որ մակույկի համար լուրջ խուզարկություն կկատարվի և հայտնաբերումներ կլինեն, հրաժարվեց։ Թոմն ափ դուրս եկավ և անտառ մտավ։ Նստեց ու երկար հանգստացավ, միևնույն ժամանակ աշխատելով չքնել։ Այնուհետև հոգնած ճանապարհ ընկավ իր ընկերների մոտ։ Գիշերը սպառված էր․ երբ հասավ կղզու դիմացի ափը, լրիվ լուսացել էր։ Նա նորից հանգստացավ, մինչև արևը բարձրացավ և ոսկեզօծեց մեծ գետը, այնուհետև ջուրը մտավ և մի քիչ հետո, թրջված, կանգ առնելով ճամբարի մոտ, լսեց Ջոյի խոսքերը․
― Ոչ, Թոմը հավատարիմ է, Հեք, և կվերադառնա։ Նա չի դասալքի։ Գիտե, որ դասալքությունը ամոթ է ծովահենի համար, և Թոմը շատ հպարտ է այդպիսի բան անելու համար։ Նա ինչ֊որ բանի ետևից կլինի ընկած, բայց թե ինչի, չգիտեմ։
― Իսկ իրերը այնուամենայնիվ մերն են, չէ՞։
― Համարյա թե, բայց դեռևս ոչ, Հեք։ Դրությունն ասում է, որ դրանք մերն են, եթե մինչև նախաճաշ չվերադառնա։
― Ահա և ինքը, ― բացականչեց Թոմը դրամատիկական հրաշալի ձևով ու ներս ընկավ ճամբար, գործելով փառահեղ տպավորություն։
Շուտով նրանք ձկով ու ապուխտով նախաճաշ արեցին։ Մինչ տղաներն այդ գործով էին զբաղված, Թոմը պատմեց (առանց չափազանցնելու) իր արկածները։ Երբ պատմությունն ավարտվեց, նրանք իրենց համարում էին հերոսների մի սնափառ խումբ։ Այնուհետև Թոմը ստվերում քնեց մինչև կեսօր, իսկ մյուս ծովահենները պատրաստվեցին ձուկ որսալու և կղզին հետախուզելու։
Գլուխ XVI
Ճաշից հետո ամբողջ խումբը գնաց գետափ՝ կրիայի ձու փնտրելու։ Նրանք գնում էին փայտերը ավազին խփելով և երբ փափուկ տեղ էին գտնում, ծնկի էին գալիս և ձեռքերով փորում։ Պատահում էր, որ մի փոսից հիսունից֊վաթսուն ձու էին հանում։ Դրանք կլոր, սպիտակ, անգլիական ընկույզից փոքրիկ բաներ էին։ Այդ երեկո նրանք խաշած ձվով հրաշալի ընթրիք պատրաստեցին, մի նախաճաշ էլ՝ ուրբաթ առավոտյան։ Նախաճաշից հետո սկսեցին իրար վրայով ցատկոտել ավազի վրա և իրար ետևից վազելիս շորերը հանել, մինչև որ լրիվ մերկացան, ապա խաղերն ու կատակները շարունակվեցին ջրում, կռվելով ուժեղ հոսանքի դեմ, որը երբեմն քշում էր նրանց, ոտքերը կտրում գետնից և դրանով ավելացնում հաճույքը։ Երբեմն երեքով կանգնում էին և ձեռքի ափով իրար վրա ջուր շաղ տալիս։ Շուռ տված դեմքերով աստիճանաբար իրար էին մոտենում, որպեսզի հեռու լինեին ջրի հարվածից, ի վերջո իրար էին կպչում և փաթաթվելով, պայքարում մինչև որ ուժեղը ջրի մեջ էր սուզում թույլին։ Ապա երեքով սուզվում էին ձեռքերն ու ոտքերը իրար սեղմած և դուրս էին գալիս փնչացնելով, հևալով, ծիծաղելով, թքելով, ագահորեն շունչ քաշելով։
Երբ լրիվ ուժասպառ էին լինում, վազում էին, մեկնվում չոր, տաք ավազի վրա, ավազով ծածկվում, ապա նորից ջուրը նետվում, շարունակում նույնը։ Ի վերջո, նրանց թվաց, որ իրենց սևացած մաշկը ոչնչով չի տարբերվում իրենց զգեստներից։ Ավազի վրա շրջանակ գծեցին և կրկես սարքեցին, որն ուներ երեք ծաղրածու, ոչ մեկը այդ նախանձելի դերը չէր զիջում հարևանին։
Այնուհետև հանեցին իրենց մարմարյա գնդիկները և դրանցով տարբեր ձևի խաղեր խաղացին, մինչև դա էլ ձանձրալի դարձավ։ Հետո Ջոն ու Հեքը մի անգամ էլ լողացին, իսկ Թոմը չփորձեց․ նկատել էր, որ շալվարը հանելիս կորցրել էր ծնկին կապած բոժոժավոր օձի համայեկը և զարմացավ, թե ինչպես ինքը խուսափել էր հաշմանդամ լինելուց առանց այդ խորհրդավոր հուռութքի։ Նա նորից չհամարձակվեց ջուրը մտնել մինչև գտնելը, իսկ երբ գտավ, մյուս տղաներն արդեն հոգնել էին և պառկել հանգստանալու։ Նրանք կամաց֊կամաց ցրվեցին և ընկնելով թախծի գիրկը, սկսեցին կարոտով նայել լայն գետից այն կողմը, որտեղ արևով ողողված քաղաքն էր։ Թոմը հանկարծ տեսավ, որ ինքը բթամատով ավազի վրա «Բեքի» է գրում։ Ջնջեց ու թուլության համար ինքն իր վրա բարկացավ։ Բայց, այնուհետև, նորից գրեց։ Ուրիշ կերպ չէր կարող։ Նորից ջնջեց և գայթակղությունից հեռու մնալու համար սկսեց տղաներին նկարել։ Հետո միացավ նրանց։
Բայց Ջոյի տրամադրությունը անդառնալիորեն ընկել էր։ Նա այնքան էր կարոտում իրենց տունը, որ հազիվ էր դիմանում։ Արցունքները շատ մոտ էին թափվելու։ Հեքը նույնպես թախծոտ էր։ Թոմը ճնշված էր, բայց փորձում էր ցույց չտալ։ Նա մի գաղտնիք ուներ, բայց դեռևս չէր ուզում ասել։ Բայց եթե այս ապստամբությամբ լի ընկճվածությունը շուտով չանցներ, ստիպված պիտի լիներ այն մեջտեղ բերել։ Իրեն շատ ուրախ ցույց տալով, նա ասաց․
― Տղաներ, գրազ կգամ, որ այս կղզում նախկինում ծովահեններ են եղել։ Մենք այն նորից կխուզարկենք։ Նրանք մի տեղ պահած կլինեն գանձը։ Ի՞նչ կասեք, եթե մի փտած սնդուկ գտնենք ոսկով ու արծաթով լեցուն։
Բայց այդ խոսքը շատ թույլ ոգևորություն առաջացրեց, որը հանգավ՝ անպատասխան մնալով։ Թոմը մի քանի ուրիշ գրավիչ բաներ էլ ասաց, բայց հաջողություն չունեցավ։ Հուսահատեցուցիչ գործ էր։ Ջոն նստել էր, գավազանով ավազն էր փորում և նայում շատ մռայլ։ Ի վերջո նա ասաց․
― Է՛հ, տղաներ, եկեք վերջ տանք։ Ես ուզում եմ տուն գնալ։ Շատ տխուր է այստեղ։
― Է՜, ո՛չ։ Ջո, դու կամաց֊կամաց կընտելանաս ու քեզ ավելի լավ կզգաս, ― ասաց Թոմը, ― հապա մտածիր, թե ինչ արժե այստեղի ձկնորսությունը։
― Ինձ ոչ մի ձկնորսություն պետք չէ։ Ուզում եմ տուն գնալ։
― Բայց, Ջո, լողանալու համար ավելի լավ տեղ չկա։
― Լողանալն ի՞նչ է որ․․․ Ինձ այլևս դուր չի գալիս, երբ ոչ ոք չկա, որ ինձ արգելի։ Ուզում եմ տուն գնալ։
― Է՜հ, երեխա։ Երևի ուզում ես մայրիկիդ տեսնել։
― Այո, ուզում եմ մորս տեսնել։ Դու էլ կուզենայիր, եթե մայր ունենայիր։ Ես քեզնից պակաս տղա չեմ։ ― Եվ Ջոն քիթը վեր քաշեց։
― Լավ, կթողնենք, որ լացկան երեխան գնա տուն, մոր մոտ, չէ՞, Հեք։ Խեղճ երեխա, ուզում է մորը տեսնել։ Թող այդպես լինի։ Քեզ այստեղ դուր է գալիս, չէ՞ Հեք։ Մենք կմնանք, չէ՞։
Հեքը «այո» ասաց, առանց այդ խոսքի մեջ սիրտ դնելու։
― Այլևս չեմ խոսի ձեզ հետ, ինչքան ապրեմ, ― ասաց Ջոն վեր կենալով։ ― Այդպես էլ իմացեք։ ― Եվ նա մռայլ հեռացավ ու սկսեց հագնվել։
― Շատ հոգս է, ― ասաց Թոմը։ ― Ոչ ոք քեզ չի ստիպում։ Տուն գնա և թող վրադ ծիծաղեն։ Օ՜, հրաշալի ծովահեններ են։ Հեքը և ես լացկան երեխաներ չենք։ Մենք կմնանք, չէ՞, Հեք։ Թող գնա, եթե ուզում է։ Ես կարծում եմ, որ առանց նրա էլ յոլա կգնանք։
Բայց Թոմը տեսնելով Ջոյին մռայլ դեմքով հագնվելիս, անհանգստուցյուն ու տագնապ զգաց։ Առավել անհանգստացուցիչ էր Հեքին տեսնելը, որ Ջոյի պատրաստություններին նայում էր տխրությամբ և այդպես տրտում լսում էր։ Ջոն առանց «մնաք բարով» ասելու շարժվեց դեպի Իլինոյսի ափը։ Թոմի սիրտը փուլ եկավ։ Նա նայեց Հեքին։ Հեքը չդիմացավ այդ հայացքին և աչքերը գետին հառեց, հետո ասաց․
― Ես էլ եմ ուզում գնալ, Թոմ, մի տեսակ ձանձրալի է դառնում, իսկ այժմ ավելի վատ է լինելու։ Մենք էլ գնանք, Թոմ։
― Ես չեմ գնա, եթե ուզում եք, երկուսդ էլ կարող եք գնալ։ Ես մնում եմ։
― Թոմ, ավելի լավ է ես գնամ։
― Լավ, գնա, ո՞վ է արգելում։
Հեքը սկսեց իր ցաքուցրիվ եղած հագուստները հավաքել։ Նա ասաց․
― Թոմ, ուզում եմ, որ դու էլ գաս։ Դե՛, լավ մտածիր։ Մենք քեզ ափին կսպասենք։
― Ստիպված կլինեք շատ երկար սպասել։ Վե՛րջ։
Հեքը տխրությամբ հեռացավ։ Թոմը նայեց նրա հետևից, սաստիկ ցանկանալով հպարտությունը դեն գցել և նույնպես գնալ։ Դեռ հույս ուներ, թե տղաները կանգ կառնեն, բայց նրանք դանդաղորեն առաջ շարժվեցին։ Հանկարծ Թոմին թվաց, որ շրջապատը անսովոր տխուր ու լուռ դարձավ։ Մի վերջին անգամ նա պայքարեց իր հպարտության դեմ, հետո վազեց ընկերների հետևից՝ գոչելով․
― Սպասեք, սպասեք, ուզում եմ մի բան ասել։
Նրանք անմիջապես կանգնեցին և շուռ եկան։ Տեղ հասնելով, Թոմը պատմեց իր գաղտնիքները։ Նրանք խոժոռված լսեցին, մինչև հասկացան, թե խոսքը ինչի մասին է։ Հետո ուրախությունից մարտական կանչեր արձակեցին, ասելով, թե «հրաշալի» միտք է, և եթե նախապես ասեր, նրանք ճանապարհ չէին ընկնի։ Թոմը ներողություն խնդրեց, բայց իրականում վախենում էր, որ նույնիսկ այդ գաղտնիքը նրանց իր մոտ երկար չէր պահի և թաքցրել էր այն որպես վերջին հրապուրանք։
Տղաներն ուրախ վերադարձան և սկսեցին նորից հաճույքով խաղալ, ամբողջ ժամանակ խոսելով Թոմի անսովոր ծրագրի մասին ու հիանալով նրա հանճարով։ Ձվով ու ձկով համեղ ճաշից հետո Թոմն ասաց, որ ուզում է ծխել սովորել։ Ջոյին այդ միտքը դուր եկավ և ասաց, որ ինքն էլ է ուզում փորձել։ Հեքը ծխամորճեր պատրաստեց և լցրեց։ Այս երկու սկսնակները մինչև այդ ծխել էին միայն խաղողի տերևից սարքած սիգարներ, բայց դրանք լեզուն «կծում» էին և տղամարդկային չէին համարվում։
Արմունկների վրա հենված՝ սկսեցին խնամքով ու անվստահ ծխել։ Ծուխը տհաճ համ ուներ, և տղաներն իրենց մի քիչ վատ զգացին։ Բայց Թոմն ասաց․
― Այնքան հեշտ բան է։ Եթե իմանայի, որ այդպես հեշտ է, վաղուց սովորած կլինեի։
― Ես էլ, ― ասաց Ջոն։ ― Հասարակ բան է։
― Քանի՜֊քանի՜ անգամ նայել եմ ծխող մարդկանց և մտածել․ երանի՛ կարողանայի սրանց նման ծխել։ Բայց երբեք չեմ կարծել, թե կարող եմ, ― ասաց Թոմը։
― Ինձ հետ էլ նույնն է եղել, չէ՞, Հեք։ Ինձնից էլ նույնն ես լսել, չէ՞, Հեք։ Թող Հեքն ասի, թե ստում եմ։
― Այո, շատ անգամ ասել է, ― հաստատեց Հեքը։
― Ես էլ եմ ասել, ― ասաց Թոմը, ― հարյուրավոր անգամներ։ Մի անգամ սպանդանոցի մոտ, չե՞ս հիշում, Հեք։ Բոբ Տանները այնտեղ էր, ինչպես նաև Ջոնի Միլերը և Ջեֆ Թեչըրը։ Չե՞ս հիշում, Հեք, թե ինչ ասացի։
― Այո, ճիշտ է, ― ասաց Հեքը։ ― Դա այն օրն էր, երբ ես իմ սպիտակ գնդիկը կորցրի։ Ո՛չ, դրա նախորդ օրն էր։
― Տեսա՞ր, Հեքը հիշում է, ― ասաց Թոմը։
― Ես կարծում եմ, որ ամբողջ օրը կարող եմ այս ծխամորճը ծխել, ― ասաց Ջոն։ ― Ինձ վատ չեմ զգում։
― Ոչ էլ ես, ― ասաց Թոմը։ ― Կարող եմ ամբողջ օրը ծխել, բայց գրազ կգամ, որ Ջեֆ Թեչըրը չի կարող։
― Ջեֆ Թեչը՞րը։ Որ երկու անգամ ծուխը ներս քաշի, կմեռնի։ Թող մի անգամ փորձի, կիմանա։
― Գրազ կգամ, որ չի կարող։ Ոչ էլ Ջոնի Միլլերը։ Կուզենայի մի անգամ տեսնել, թե ինչպես է նա ծխում։
― Ես էլ, ― ասաց Ջոն։ ― Գրազ կգամ, որ Ջոնի Միլլերը ոչ մի բան էլ չի կարող անել, ուր մնաց սա։ Մի քիչ որ ծուխ ներս քաշի, ցած կընկնի։
― Ճիշտ է, Ջո։ Լսիր, կուզենայի, որ տղաները մեզ այժմ տեսնեին։
― Ես էլ։
― Լսեք տղաներ, այս մասին ոչ մի խոսք մի ասեք, և մի անգամ, երբ բոլորը հավաքված լինեն, ես քեզ մոտ կգամ և կասես․ «Ջո, ծխամորճ ունե՞ս, ուզում եմ ծխել»։ Իսկ դու կպատասխանես մի տեսակ անտարբեր ձևով, իբր դա հասարակ բան լինի․ «Այո, ծխամորճս մոտս է և մի ուրիշն էլ, բայց ծխախոտը լավը չէ»։ Իսկ ես կասեմ․ «Ոչինչ, եթե թունդ է»։ ― Հետո դու կհանես ծխամորճդ, և մենք կվառենք, իբր դա շատ սովորական բան է։ Այդ ժամանակ նայիր նրանց։
― Է՜, դա հրաշալի բան կլինի, Թոմ։ Կուզենայի, որ դա հենց հիմա լիներ։
― Ես էլ։ Հետո մենք նրանց կասենք, որ սովորել ենք մեր ծովահեն եղած ժամանակ։ Չե՞ն ուզենա, որ մեզ հետ լինեին։
― Չեմ էլ կասկածում։ Գրազ կգամ, որ կուզենան։
Այդպես շարունակվեց զրույցը, բայց շուտով կաշկանդվեց, դարձավ անկապ։ Լուռ պահերը երկարեցին, թքելը շատացավ։ Տղաների բերանը դարձավ աղբյուր․ հազիվ էին հասցնում իրենց լեզվի տակը մաքրել, որ հեղեղի առաջը առնեն։ Հակառակ նրանց բոլոր ջանքերին, կոկորդները լցվում էին, սրտները՝ խառնում։ Երկու տղաներն էլ սաստիկ գունատվել էին և շատ խղճալի տեսք ունեին։ Ջոնի թուլացած մատներից ծխամորճն ընկավ։ Դրան հետևեց Թոմի ծխամորճը։ Երկու աղբյուրները շարունակում էին ուժգնությամբ հորդել, երկու ջրհանները ամբողջ ուժով ու կարողությամբ աշխատում էին։ Ջոն շատ թույլ ասաց․
― Դանակս կորցրել եմ։ Ավելի լավ է գնամ փնտրեմ։
Թոմը դողացող շրթունքներով և ընդհատվող ձայնով արձագանքեց․
― Ես քեզ կօգնեմ։ Դու այս կողմով գնա, իսկ ես աղբյուրի մոտ կփնտրեմ։ Դու մի արի, Հեք, մենք կգնանք։
Հեքը տեղը նստեց և մի ժամ սպասեց։ Հետո ձանձրացավ և գնաց ընկերներին գտնելու։ Նրանց գտավ անտառում, իրարից հեռու․ երկուսն էլ գունատ էին և խոր քնած։ Նա զարմացավ, բայց հասկացավ, որ եթե տղաները որևէ պատճառով իրենց վատ են զգացել, ապա դա անցել է։
Այդ երեկո ընթրիքին տղաները շատ չէին խոսում․ մի տեսակ խեղճացած էին, երբ Հեքը ճաշից հետո պատրաստեց իր ծխամորճը և ուզում էր նրանց համար պատրաստել, նրանք հրաժարվեցին, ասելով, թե իրենց վնասել է։
Գլուխ XVII
Կեսգիշերվա մոտ Ջոն արթնացավ և տղաներին կանչեց։ Օդում կանգնած էր ինչ֊որ ճնշող տոթ, որը լուրջ բան էր գուշակում։ Տղաները իրար մոտ եկան ու զգացին կրակի հաճելի ընկերությունը, թեև անշունչ մթնոլորտը հեղձուցիչ էր։ Նրանք նստել և սպասում էին։ Կրակի լույսից այն կողմ ամեն ինչ կուլ էր գնացել խավարի սևությանը։ Հանկարծ ինչ֊որ փայլ անորոշ կերպով լուսավորեց շրջապատը և անհայտացավ։ Շուտով մի ուրիշը փայլեց ավելի ուժեղ։ Հետո մի ուրիշը։ Մի թույլ հառաչանք անցավ անտառի ծառերի միջով, և տղաներն իրենց այտերին ինչ֊որ շունչ զգացին, դողացին, մտածելով, որ «գիշերվա ոգին» անցավ կողքով։ Մի փոքր դադար եղավ։ Հանկարծ կայծակի մի չարագուշակ փայլ գիշերը ցերեկ դարձրեց և ցույց տվեց յուրաքանչյուր ցողունը, իրարից անջատ ու տարբեր, որ աճում էին իրենց ոտքերի տակ, և երեք գունատ, վախեցած դեմքեր։ Երկնքով որոտաձայն անցավ ամպրոպը և կորավ՝ հեռվում արձագանքելով։ Սառը քամի փչեց, խշրտացնելով բոլոր տերևներն ու խոտերի վրա շաղ տվեց սպիտակ մոխիրը։ Մի ուրիշ ուժեղ բռնկումից լուսավորվեց անտառը։ Դրան հետևեց վայրկենական մի անկման աղմուկ, որը կարծես ծառերը շուռ էր տալիս ուղիղ տղաների գլխին։ Նրանք սարսափահար իրար սեղմվեցին հաջորդող խոր մթության մեջ։ Անձրևի խոշոր կաթիլները սկսեցին ընկնել տերևների վրա։
― Շտապեք, տղաներ, դեպի վրանը, ― բացականչեց Թոմը։ Տարբեր ուղղություններով, արմատների կպչելով և որթատունկերի արանքով մթության մեջ նրանք առաջ վազեցին։ Մի սարսափելի փոթորիկ ոռնաց ծառերի արանքում, ստիպելով, որ իր ճանապարհին ամեն ինչ երգի։ Փայլատակող կայծակները հաջորդում էին մեկը մյուսին, և խլացուցիչ որոտներ էին լսվում։ Եվ ահա սկսվեց հեղեղանման անձրևը։ Փոթորիկը տերևների միջով անձրևի հոսանքը գետին էր հասցնում։ Տղաներն իրար կանչեցին, բայց ոռնացող քամին և պայթող ամպրոպը նրանց ձայնը խլացրեց։ Ի վերջո, իրար ետևից նրանք տեղ հասան ու պատսպարվեցին վրանի տակ՝ մրսած, վախեցած ու թրջված, բայց գոհ էին, որ թշվառության մեջ միասին էին, ընկերներով։ Նրանք չէին կարողանում խոսել։ Հին առագաստը այնպես կատաղի էր թափահարվում, որ եթե նույնիսկ մյուս ձայները չլինեին, նրանք իրար լսել չէին կարողանա։ Փոթորիկը գնալով սաստկացավ։ Հանկարծ առագաստը պատռվեց իր ամրացված տեղերից և քամու հետ թևեր առավ, թռավ։ Տղաներն իրար ձեռք բռնեցին և շարունակ վայր ընկնելով ու իրար բախվելով փախան։ Ապաստանեցին գետափնյա մի մեծ կաղնու տակ։ Այժմ տարերքի պայքարը ամենակատաղի վիճակումն էր։ Կայծակների անդադար փայլատակումների տակ, որոնք վառվում էին երկնքում, ներքևում, անձրևի քողի տակից պարզ երևում էին անստվեր կռացած ծառերը, հորդացած գետը՝ փրփուրից սպիտակած, և հանդիպակաց ափին գտնվող բարձր ժայռերի մութ ուրվագծերը։ Երբեմն մի հսկա ծառ պայքարը լքում էր և ընկնում, ջարդելով շրջապատի մատղաշ ծառերը։ Կայծակի որոտն ընդմիջվում էր ականջ խլացնող սուր ու կտրող պայթյուններով և անասելի զարհուրանք պատճառում։ Փոթորիկը լարեց իր բոլոր ուժերը։ Թվում էր, թե շուտով կղզին կտոր֊կտոր կանի, կվառի, կհեղեղի մինչև ծառերի կատարները, կքշի հեռու և կխլացնի այնտեղի բոլոր արարածներին, բոլորին միասին, մի րոպեում։ Սարսափելի, վայրագ գիշեր էր անապաստան երեխաների համար։
Բայց ի վերջո ճակատամարտն ավարտվեց, և տարերքի ուժերը նահանջեցին հեռացան թուլացող սպառնալիքով։ Խաղաղություն հաստատվեց։ Տղաները ճամբար վերադարձան կարգին վախեցած, բայց այդտեղ պարզվեց, որ պետք է շնորհակալ լինեին․ մեծ թեղին, որի տակ գիշերում էին, ջարդված էր, կայծակնահար եղած, լավ էր, որ աղետի պահին ծառի տակ չէին մնացել։
Ճամբարում ամեն ինչ թրջվել էր, ինչպես նաև կրակը, որովհետև իրենց սերնդի նման թեթևամիտ երեխաներ էին և անձրևի դեմ միջոցներ չէին նախատեսել։ Դա անախորժ բան էր, որովհետև մինչև ոսկորները թրջվել ու մրսում էին։ Նրանց հուսահատությունը շատ ակներև էր, բայց նկատեցին, որ կրակը այնքան էր առաջացել կոճղի տակ (այն դեպի վեր էր ցցված և գետնից բարձր էր), որ մի բուռ կրակ ազատվել էր թրջվելուց․ նրանք համբերությամբ չոր ցախ ու կեղև հավաքեցին ծառերի բների տակ պաշտպանված տեղերից և հաջողվեց կրակը նորից վառել։ Կրակին դրեցին խոշոր ճղափայտեր, մինչև որ ստացվեց մի մեծ խարույկ։ Ուրախացան։ Չորացրին իրենց թրջված ապուխտը, ընթրեցին և դրանից հետո նստեցին կրակի մոտ ու մինչև առավոտ խոսեցին գիշերային իրենց արկածի մասին։ Միևնույն է, քնելու համար ոչ մի կտոր չոր տեղ չկար ամբողջ շրջապատում։
Երբ արևն ընկավ տղաների վրա, նինջը հաղթեց, և նրանք գնացին գետափ ու պառկեցին ավազի վրա։ Իսկ երբ արևն սկսեց կամաց֊կամաց այրել, նրանք վեր կացան և ծուլորեն անցան նախաճաշ պատրաստելու։ Նախաճաշից հետո ջարդված էին, հոգնած և նորից մի փոքր տան կարոտ էին զգում։ Թոմը նկատեց այդ նշանները, սկսեց ծովահեններին ոգևորել ինչքան հնարավոր էր։ Բայց նրանք ոչ գնդիկների, ոչ կրկեսի, ոչ լողանալու և ոչ էլ որևէ բանի ցանկություն չունեին։ Նա հիշեցրեց տպավորիչ գաղտնիքը։ Նորից ուրախության աղաղակ բարձրացավ։ Այդ ուրախությունը դեռևս չէր անցել, երբ Թոմը հետաքրքրեց նրանց մի նոր մտքով։ Պետք է կարճ ժամանակով թողնեին ծովահենությունը և հնդկացիներ դառնային։ Այս միտքը գրավեց նրանց։ Շուտով մերկացան և ոտքից գլուխ սև ցեխով ներկվեցին, դարձան զեբրերի պես շերտավոր։ Բոլորն էլ, անշուշտ, առաջնորդներ էին և գնացին անտառ անգլիական գաղութի վրա հարձակվելու։
Շուտով բաժանվեցին երեք թշնամի ցեղերի, թաքստոցից դուրս գալով՝ իրար վրա հարձակվեցին ահռելի ռազմակոչերով և միմյանց հազարավոր զոհեր պատճառելով։ Արյունահեղ օր էր, հետևաբար և գոհացուցիչ։
Ընթրիքի ժամին ճամբարում հավաքվեցին քաղցած, բայց երջանիկ։ Սակայն այժմ մի նոր դժվարություն առաջ եկավ։ Թշնամի հնդկացիները չէին կարող հյուրասիրության հացը միասին կտրել առանց նախապես հաշտություն կնքելու և դա պարզապես անհնար էր առանց խաղաղության ծխամորճ ծխելու։ Ուրիշ արարողության մասին նրանք երբեք չէին լսել։ Վայրենիներից երկուսը համարյա ափսոսացին, որ ծովահեն չէին մնացել։ Բայց այլ ճանապարհ չկար։ Աշխատելով ինչքան հնարավոր է ուրախ երևալ, նրանք ծխամորճ ուզեցին և սկսեցին հերթով ծխել, ինչպես կարգն էր։
Եվ ահա ուրախ էին, որ վայրենացել էին․ մի բան շահել էին։ Պարզվեց, որ կարող էին ծխել առանց ստիպված լինելու կորած դանակը որոնելու։ Նրանք լրջորեն անհանգստանալու չափ իրենց վատ զգացին։ Ինչպե՞ս կարելի էր կորցնել այդ հրաշալի առիթը։ Ընթրիքից հետո զգուշությամբ, ինչպես և բավական մեծ հաջողությամբ, մի անգամ փորձեցին։ Հրաշալի երեկո անցկացրին։ Իրենց նոր հաջողությամբ ավելի հպարտ ու ավելի երջանիկ էին, քան եթե վեց ցեղ գերեին և մաշկահան անեին։
Իսկ հիմա նրանց թողնենք, որ ծխեն և շատախոսեն, առայժմ կարող ենք պատմությունը շարունակել առանց տղաների։
Գլուխ XVIII
Շաբաթ օրվա նույն երեկոյան այնքան էլ ուրախություն չկար փոքր քաղաքում։ Հարպըրները և մորաքույր Պոլիի ընտանիքը սև էին հագնում վշտով ու արցունքով։ Մի անսովոր լռություն տիրեց քաղաքում, որը առանց այն էլ սովորաբար բավական լուռ էր։ Քաղաքացիներն իրենց գործը կատարում էին մտացրիվ և քիչ էին խոսում։ Հաճախ հառաչում էին։ Շաբաթ օրվա հանգիստը ծանր էր թվում երեխաներին։ Նրանք սիրելով չէին խաղում և աստիճանաբար հրաժարվեցին խաղից։
Երեկոյան Բեքի Թեչըրը իրեն գտավ դպրոցի ամայացած բակում շրջելիս։ Շատ տխուր էր։ Բայց այնտեղ մխիթարող ոչինչ չգտավ։ Նա խոսում էր ինքն իր հետ․
― Է՛հ, գոնե նրա պղնձե կոճակը մոտս լիներ։ Այժմ ես ոչինչ չունեմ, որ նրան հիշեցնի, ― և նա կուլ տվեց արցունքը։
Աղջիկը կանգ առավ և ասաց ինքն իրեն․
― Ճիշտ այստեղ էի։ Օ՜հ, եթե նա նորից նույնը աներ, այդ խոսքը չէի ասի, չէի ասի, եթե ամբողջ աշխարհը ինձ տային։ Բայց նա այժմ չկա։ Ես նրան երբեք, երբեք, երբեք չեմ տեսնի։
Այս միտքը ընկճեց Բեկիին, և նա հեռացավ՝ այտերից արցունք գլորելով։ Հետո տղաների ու աղջիկների՝ Թոմի ու Ջոյի ընկերների մի խումբ եկավ և ցանկապատից այն կողմ նայելով, հարգալից տոնով խոսել սկսեց, թե վերջին անգամ, երբ Թոմին տեսան, նա ի՞նչ արեց, ի՞նչ ասաց Ջոն։ Հիշում էին ամեն մի խոսքը, որ այն ժամանակ շատ սովորական էր թվում, բայց իրականում լի էր չարագուշակ մարգարեությամբ, ինչպես արդեն զգում էին բոլորը։ Յուրաքանչյուր խոսող ցույց էր տալիս ճշգրիտ տեղը, թե որտեղ վերջին անգամ կանգնեցին տղաները։ Հետո ավելացնում էին․ «Իսկ ես կանգնել էի ճիշտ այսպես, ինչպես այժմ, իսկ նա՝ քո տեղը։ Ա՛յ, այդքան մոտ էինք, և նա ժպտաց, ճիշտ այսպես, և կարծես մտքով մի բան անցավ, մի տեսակ վատ բան, հասկանո՞ւմ ես, իսկ ես, իհարկե, չհասկացա դրա նշանակությունը։ Հիմա հասկանում եմ։
Հետո վեճ ծագեց, թե ո՞վ է վերջին անգամ ողջ տեսել մեռած տղաներին, և շատերը բազմաթիվ փաստեր բերելով և առավել կամ պակաս թվով ուրիշների վկայակոչելով, այդ պատիվը իրենց էին վերագրում։ Եվ երբ վերջնականապես պարզվեց, թե ով է հանգուցյալներին վերջին անգամ տեսել ու վերջին բառերը փոխանակել նրա հետ, երջանիկները ստացան սրբազան կարևորություն, զարմանք ու նախանձ առաջացրին մյուսների մեջ։ Մի խեղճ տղա, որ ուրիշ ասելիք չէր գտել, պատմեց իր հիշողությամբ բավական հպարտ․
― Թոմ Սոյերը մի անգամ ինձ ծեծեց։
Բայց փառքի ձգտելու այդ ձևը ձախողվեց։ Տղաներից շատերը կարող էին այդ ասել և դա կարևորություն ստանալու համար լավ միջոց չէր։ Խումբը հեռացավ, շարունակելով կորած հերոսների մասին ակնածանքով հուշեր պատմել։
Հաջորդ օրը առավոտյան, երբ կիրակնօրյա դպրոցում դասերը վերջացան, ղողանջեց եկեղեցու զանգը։ Դա սովորական զանգահարություն չէր։ Շատ հանգիստ մի կիրակի էր, և մարդկանց վշտաբեկ մրմնջոցը համապատասխանում էր բնության անդորրին։ Քաղաքացիները սկսեցին հավաքվել, մի պահ կանգ առնելով գավթում՝ շշուկով խոսելու համար տխուր դեպքի մասին։ Բայց ժողովարանում շշուկ չկար։ Միայն հուղարկավոր կանանց հագուստների խշխշոցը, երբ նրանք իրենց տեղերն էին գրավում, խանգարում էր լռությունը։ Ոչ ոք չէր կարող հիշել, թե մինչ այդ փոքրիկ եկեղեցին ե՞րբ էր այդքան լիքը եղել։ Ի վերջո սպասողական լռություն և սպասողական պապանձվածություն տիրեց։ Այնուհետև եկեղեցի մտավ մորաքույր Պոլին, նրա ետևից՝ Սիդն ու Մերին, ապա Հարպըրների ընտանիքը, բոլորը սև հագած։ Ներկաները, ինչպես և ծեր քարոզիչը, հարգանքով ոտքի ելան, մնացին կանգնած, մինչև սգավորները նստեցին առջևի նստարանին։ Ապա նորից լռություն տիրեց, որը ընդհատվում էր զսպված հեկեկանքներով։ Ապա քարոզիչը ձեռքերը լայն բացեց ու աղոթեց։ Մի հուզիչ աղոթք երգեցին, որին հաջորդեց քարոզը՝ «Ես համբարձումն եմ և կյանքը» նշանաբանով։
Քարոզի ընթացքում կրոնավորը կորած տղաների արժեքները, հազվագյուտ շնորհները այնպես նկարագրեց, որ այնտեղ եղածներից յուրաքանչյուրը լիովին հավատալով այդ խոսքերին, ափսոսանք զգաց, որ ինքը միշտ կուրացել էր նրանց նկատմամբ և միայն սխալներ ու չարություններ էր տեսել խեղճ երեխաների մեջ։ Կրոնավորը պատմեց նաև բազմաթիվ հուզիչ դեպքեր հանգուցյալների կյանքից, նկարագրելով նրանց բարի բնավորությունները։ Ժողովուրդը կարող էր հեշտությամբ տեսնել, թե ինչ ազնիվ ու գեղեցիկ էին այդ դեպքերը։ Մարդիկ հեշտությամբ կարող էին տեսնել, թե որքան անսովոր էին եղել այդ երեխաների արածները և տխրությամբ հիշեցին, թե ինչպես նույն արարքները այդ ժամանակ թվում էին հասարակ չարություններ, որոնց համար արժանի էին կաշեփոկի։ Հավաքվածները գնալով ավելի հուզվեցին, քանի շարունակվում էր հուզիչ պատմությունը, մինչև բոլորը միացան լաց եղող սգավորներին։ Նույնիսկ քարոզիչը զգացմունքին հանձնվելով, սկսեց լաց լինել ամբիոնի վրա։
Վերնահարկում ինչ֊որ շարժում կատարվեց, որը ոչ ոք չնկատեց։ Քիչ անց եկեղեցու մուտքի դուռը ճռնչաց։ Քարոզիչը բարձրացրեց արցունքակալած աչքերը և քարացավ։ Նախ մեկ, ապա մի ուրիշ զույգ աչք հետևեցին քարոզչի հայացքին, և հետո, համարյա մի մարդու պես ծխականները վեր կացան և նայեցին։ Երեք մեռած տղաները դեպի բեմն էին քայլում․ առջևից՝ Թոմը, հետո՝ Ջոն, հետո՝ Հեքը, որը քարշ էր տալիս վրայից թափվող ցնցոտիները և ետևում էր մնում։ Նրանք պահվել էին լքված վերնատանը և լսել իրենց համար ասվող դամբանականը։
Մորաքույր Պոլին, Մերին և Հարպըրները նետվեցին դեպի իրենց հարություն առածները, նրանց համբույրներով ծածկեցին և գոհություն հայտնեցին արարչին, իսկ խեղճ Հեքը կանգնած էր շփոթված և անհանգիստ, չիմանալով, ինչ անել կամ ուր պահվել այսքան անբարեհաճ հայացքներից։ Նա շարժվեց և ուզեց փախչել, բայց Թոմը բռնեց նրան և ասաց․
― Մորաքույր Պոլի, դա արդարացի չէ․ մեկնումեկը պետք է ուրախ լինի Հեքին տեսնելու համար։
― Իհարկե, պետք է ես շատ ուրախ լինեմ նրան տեսնելու համար, խեղճ, անմայր երեխա։ ― Եվ մորաքույր Պոլիի՝ Հեքի վրա շռայլած սիրալիր վերաբերմունքը միակ բանն էր, որ կարող էր տղային հուզել ավելի, քան մինչ այդ որևէ այլ պատճառ։
Հանկարծ քարոզիչը ամբողջ ձայնով որոտաց․
― Օրհնյալ լինի աստված, որից բխում են բոլոր օրհնությունները։ Երգեցեք ամբողջ սրտով։
Եվ նրանք երգեցին։ Հին օրհնությունը թնդում էր հաղթական, և մինչ այն ցնցում էր գերանները, ծովահեն Թոմ Սոյերը նայում էր շուրջը, նախանձող ընկերներին ու մտքում խոստովանում, որ դա իր կյանքի ամենալավ պահն է։
Մինչ «խաբված» ծխականները դուրս էին գալիս, նրանք խոստովանեցին, որ կցանկանային նորից ծիծաղելի լինել, որպեսզի այդ հիմնը մի անգամ էլ նույն ձևով երգեին։
Թոմն այդ օրը ավելի շատ համբույր ու ապտակ ստացավ, նայած մորաքույր Պոլիի փոփոխվող տրամադրությանը, քան նախկինում կստանար մի տարում։ Տղան չէր կարողանում հասկանալ, թե ինչով է ավելի լավ արտահայտվում գոհությունը աստծո հանդեպ և սերը՝ իր նկատմամբ․ համբույրներո՞վ, թե ապտակներով։
Գլուխ XIX
Սա էր Թոմի մեծ գաղտնիքը՝ իր ծովահեն եղբայրեների հետ տուն դառնալու և իրենց թաղմանը ներկա լինելու ծրագիրը։ Շաբաթ օրվա լուսաբացին նրանք գերանի օգնությամբ գետը անցան, դուրս եկան Միսուրիի ափը՝ քաղաքից հինգ կամ վեց մղոն ցած։ Քաղաքի ծայրամասի մոտ՝ անտառում քնեցին մինչև լուսաբաց, ապա խուլ ճանապարհներով մտան քաղաք և իրենց քունն ավարտեցին եկեղեցու վերնահարկում, հաշմանդամ նստարանների միջև։
Երկուշաբթի առավոտյան, նախաճաշի ժամանակ մորաքույր Պոլին և Մերին շատ սիրալիր էին Թոմի նկատմամբ և ուշադիր՝ նրա ցանկություններին։ Աշխույժ խոսակցություն էր տեղի ունենում։ Զրույցի միջոցին մորաքույր Պոլին ասաց․
― Լավ, Թոմ, չեմ ասում, թե սրամիտ կատակ չէր բոլորին մի շաբաթից ավելի տանջել, որպեսզի դուք՝ տղաներդ, ուրախ ժամանակ անցկացնեք, բայց ցավալի է, որ դու կարող ես այդքան կարծրասիրտ լինել և ստիպել, որ ես այդպես տառապեմ։ Եթե կարող էիր գերանով գետը անցնել և քո թաղմանը գալ, ուրեմն կարող էիր նաև գալ և մի կերպ ինձ հասկացնել, որ մեռած չես։ Դու միայն փախչել գիտես։
― Այո, կարող էիր այդ անել, Թոմ, ― ասաց Մերին, ― և ես հավատացած եմ, որ դու այդ կանեիր, եթե մտածեիր։
― Կանեի՞ր, Թոմ, ― հարցրեց մորաքյուր Պոլին ժպտադեմ, ― ասա, կանեի՞ր, եթե մտքովդ անցներ։
― Ես․․․ ես․․․ չգիտեմ։ Բայց դա ամեն ինչ կփաչցներ։
― Թոմ, ես կարծում էի, որ դու ինձ բավական սիրում ես, ― ասաց մորաքույր Պոլին վշտացած, և տղան իրեն վատ զգաց։ ― Եթե նույնիսկ չգայիր, այլ գոնե մտածեիր, դա մի բան կնշանակեր։
― Մորաքույր, դա դեռ ոչինչ, վնաս չունի, ― ասաց Մերին։ Վատը Թոմի գլխապտույտ պատճառող գործերն են։ Նա միշտ այնքան շտապողականության մեջ է, որ երբեմն ոչ մի բանի մասին չի մտածում։
― Ավելի վատ։ Սիդը կմտածեր։ Սիդը կգար ու այդպես կաներ։ Թոմ, դու մի օր կզղջաս քո արածների համար և կցանկանաս, որ մի փոքր ավելի իմ մասին մտածած լինեիր, երբ դա այնքան քիչ էր պահանջում քեզնից, բայց արդեն ուշ կլինի։
― Մորաքույր, դու գիտես, որ սիրում եմ քեզ, ― ասաց Թոմը։
― Ես այդ ավելի լավ կիմանայի, եթե դու գործով ցույց տայիր։
― Երանի մտքովս անցներ, ― ասաց Թոմը զգացված տոնով։ ― Բայց այնուամենայնիվ ես երազում տեսա քեզ։ Դա մի բան է, չէ՞։
― Մեծ բան չէ, այդքանը կատուն էլ է անում, բայց ավելի լավ է, քան ոչինչը։ Ի՞նչ տեսար երազում։
― Ուրեմն չորեքշաբթի գիշեր երազումս տեսա, որ դու նստել էիր մահճակալի կողքին, Սիդը՝ տախտակե արկղի վրա, իսկ Մերին՝ նրա կողքին։
― Այո, այդպես էինք նստել։ Մենք միշտ այդպես նստում ենք։ Ուրախ եմ, որ գոնե երազումդ այդքան մտածում ես մեր մասին։
― Ես տեսա նաև, որ Ջո Հարպըրի մայրը ձեզ հետ էր։
― Ճիշտ է, նա այստեղ էր։ Ուրիշ բան չտեսա՞ր։
― Շատ բան տեսա, բայց հիմա շատ աղոտ եմ հիշում։
― Դե լավ, փորձիր մտաբերել, չե՞ս կարող։
― Կարծեմ քամին ․․․ քամին հանգցնում էր․․․ հանգցնում էր․․․
― Փորձիր ավելի լավ հիշել։ Քամին փչում էր, դե՛, փորձիր։
Թոմը մատները ճակատին դրեց։ Մի րոպե կենտրոնացած ու մտահոգ մնաց, հետո ասաց․
― Հիշեցի, հիշեցի։ Քամին հանգցնում էր մոմը։
― Ողորմյա մեզ, աստված։ Շարունակիր, Թոմ, շարունակիր։
― Կարծեմ դու ասացիր․ «Ինձ թվում է, որ դուռը․․․
― Շարունակիր, Թոմ։
― Մի րոպե մտածեմ, մի րոպե։ Այո, այո, դու ասացիր, թե դուռը բաց է մնացել։
― Այո, այստեղ նստած՝ ես այդ բանն ասացի։ Ասացի, չէ՞, Մերի։ Շարունակիր։
― Հետո, հետո, վստահ չեմ, բայց թվում է, որ դու Սիդին ուղարկեցիր և․․․
― Հետո՜, հետո՜, ո՞ւր ուղարկեցի, Թոմ։ Ի՞նչ անելու ուղարկեցի, Թոմ։
― Դու ուղարկեցիր, ուղարկեցիր, այո, ուղարկեցիր դուռը ծածկելու։
― Աստված իմ, կյանքումս նման բան չէի լսել։ Էլ չասեք, թե երազները ոչինչ չեն նշանակում։ Հիմա, անմիջապես կվազեմ և Սերենի Հարպըրին կպատմեմ այս բոլորը։ Տեսնենք ինչպես կվերաբերվի այս բոլորին իր ամբողջ անհավատությամբ։ Շարունակիր, Թոմ։
― Այժմ ամեն ինչ ցերեկվա պես պարզվում է։ Սկզբում դու ասացիր, որ ես ոչ թե վատն եմ, այլ պարզապես չար և թեթևսոլիկ և իմ արածների համար պատասխանատու եմ այնքան, ինչքան․․․ ինչքան․․․ կարծեմ ասացիր քուռակը կամ դրա նման մի բան։
― Ճիշտ այդպես էլ ասացի։ Ա՜խ, տեր աստված։ Շարունակիր, Թոմ։
― Հետո դու սկսեցիր լաց լինել։
― Այո, լաց եղա, լաց եղա, թեև ոչ առաջին անգամ։ Հետո՞․․․
― Հետո միսիս Հարպըրը սկսեց լալ և ասաց, որ նույնն էր նաև Ջոն, կուզենար, որ սերուցքի համար նրան ծեծած չլիներ, մանավանդ, որ այդ սերուցքը ինքը դուրս էր թափել։
― Թոմ, սուրբ հոգու լույսը իջել է վրադ․ դու մարգարեանում էիր, այո, ահա թե դու ինչ էիր անում։ Աստված մեծ է․․․ Շարունակիր, Թոմ։
― Հետո Սիդն ասաց․․․ նա ասաց․․․
― Չեմ կարծում, որ ես բան ասած լինեմ, ― ասաց Սիդը։
― Ասացիր, Սիդ, ― միջամտեց Մերին։
― Լռեցեք և թողեք, որ Թոմը շարունակի։ Նա ի՞նչ ասաց, Թոմ։
― Նա ասաց․․․ կարծեմ ասաց, որ ես ավելի լավն եմ իմ գնացած տեղում, բայց եթե ավելի բարի լինեի․․․
― Ահա, լսո՞ւմ ես․ ճիշտ է, նրա բառերն են։
― Եվ դու անմիջապես լռեցիր։
― Այո, լռեցի։ Այստեղ պետք է մի հրեշտակ լինի։ Այստեղ հրեշտակ է եղել։
― Եվ միսիս Հարպըրը պատմեց, թե ինչպես Ջոն վախեցրել է իրեն խաղալիք֊ատրճանակով, իսկ դու պատմեցիր Պիտերի՝ «ցավ կտրող» դեղի մասին։
― Դա այնքան ճիշտ է, որքան ճիշտ է, որ ես այժմ ապրում եմ։
― Եվ հետո երկար խոսք եղավ, թե ինչպես մեզ փնտրել եք գետում և կիրալի օրը մեր թաղումն եք անելու, այնուհետև դուք և խեղճ միսիս Հարպըրը իրար գրկեցիք ու լաց եղաք, հետո նա գնաց։
― Ճիշտ այդպես եղավ, ճիշտ այդպես եղավ։ Այնքան ճիշտ է, ինչքան այն, որ ես նստել եմ այստեղ։ Թոմ, դու ավելի ճիշտ չէիր նկարագրի, եթե տեսած լինեիր։ Հետո ի՞նչ, Թոմ, շարունակիր։
― Հետո, կարծեմ, դու աղոթեցիր ինձ համար։ Ես քեզ տեսնում էի ու լսում քո ասած յուրաքանչյուր բառը։ Հետո անկողին մտար, իսկ ես այնքան ցավում էի քեզ համար, որ վերցրի ծառի մի կեղև և վրան գրեցի․ «Մենք չենք մահացել, մենք պարզապես ծովահեններ ենք դարձել» և դրեցի սեղանի վրա, մոմի մոտ։ Եվ դու այնքան բարի էիր քնած ժամանակ, որ ես մոտեցա, խոնարհվեցի վրադ և շրթունքներդ համբուրեցի։
― Ճի՞շտ, Թո՛մ, համբուրեցի՞ր։ Դրա համար ես ամեն ինչ ներում եմ քեզ, ― և այնպես ուժեղ գրկեց ու կրծքին սեղմեց տղային, որ Թոմն իրեն զգաց ամենամեծ հանցավորը։
― Շատ լավ բան է եղել, թեկուզ երազում, ― նկատեց Սիդը լսելի ձայնով։
― Լսիր, Սիդ։ Մարդ երազում անում է այն, ինչ կաներ, եթե արթուն լիներ։ Ահա քեզ ամենամեծ խնձորը, Թոմ, որ քեզ համար էի պահում, եթե գտնվեիր։ Հիմա գնա դպրոց։ Ես շնորհակալ եմ բարի աստծուց, մեր բոլորի երկնակալ հորից, որ նորից քեզ վերադարձրեց, շնորհակալ եմ նրա սրտից, որ բարի և համբերատար է բոլորի նկատմամբ, բոլորի, ովքեր հավատում և հետևում են իր խոսքերին, իմ նկատմամբ, թեև ես անարժան եմ։ Միայն ընտրայլներն են արժանի նրա օգնությանը և նրա ձեռքին, որպեսզի անցնեն դժվար ճանապարհներով, որտեղ շատ քչերը կարող են ժպտալ ու հասնել հանգստի, երբ մեծ գիշերը գա։ Գնացեք, Սիդ, Մերի, Թոմ, հեռացեք այստեղից, դուք ինձ բավական չարչարեցիք։
Երեխաները դպրոց գնացին, իսկ ծեր լեդին՝ միսիս Հարպըրի մոտ, որպեսզի Թոմի հրաշալի երազով նրա ռեալիզմը ոչնչացնի։ Սիդը չասաց այն, ինչ մտածում էր տնից հեռանալիս։ Նա մտածում էր․
― Այդքան երկար և անսխալ երա՞զ կլինի։
Ի՜նչ հերոս էր դարձել այժմ Թոմը։ Նա ոչ վազում էր, ոչ էլ թռչկոտում, այլ քայլում էր վեհ արժանապատվությամբ, ինչպես կաներ ծովահենը, որն իր վրա զգում է ամբողջ հասարակության հայացքը։ Եվ իրոք դա այդպես էր։ Անցնելիս նա փորձեց հայացքները չտեսնել և իր մասին արվող նկատողությունները չլսել, բայց դրանք տղայի համար հաց ու ջուր էին։ Փոքր երեխաները կրնկակոխ հետևում էին Թոմին՝ հպարտ, որ կարող են նրա հետ երևալ, իսկ նա հանդուրժում էր դրանց՝ իր կողքին։ Կարծես թափորի գլուխն անցած թմբկահար լիներ, կամ քաղաք մտնող գազանների առջևից քայլող փիղ։ Հասակակից տղաները ձևացնում էին, թե իբր բոլորովին չգիտեն նրա բացակայության մասին, բայց, այնուամենայնիվ, նախանձում էին։ Ամեն ինչ կտային Թոմի արևահար մորթը և փայլուն հռչակն ունենալու համար, իսկ Թոմը դրանցից չէր բաժանվի, նույնիսկ եթե կրկեսը տային։
Դպրոցում երեխաները այնպես էին վերաբերվում նրան ու Ջոյին, այնպես պերճախոս հիացում էր արտահայտում նրանց հայացքը, որ երկու հերոսներն սկսեցին անտանելի կերպով «փքվել»։ Նրանք հափշտակված ունկնդիրներին պատմեցին իրենց արկածները, բայց միայն սկիզբը։ Դա անվերջանալի մի պատմություն էր, քանի որ նրանց երևակայությունը շարունակ մի բան ավելացնում էր։ Վերջապես, երբ հանեցին իրենց ծխամորճները և սկսեցին անվրդով ծխել, փառքի գագաթնակետին հասան։
Թոմը որոշեց, որ այժմ կարող է Բեքի Թեչըրից անկախ լինել։ Փառքը բավարար էր։ Նա կարող էր փառքով ապրել։ Այժմ, երբ ինքը հռչակավոր էր, գուցե աղջիկն ուզենար «հաշտվել»։ Թող փորձի։ Կտեսնի, որ Թոմը կարող է այնքան անտարբեր լինել, ինչքան ուրիշները։ Այդ պահին եկավ Բեքին։ Թոմը ձևացրեց, թե չի տեսնում։ Մի կողմ քաշվեց, միացավ տղաների ու աղջիկների մի խմբի և շարունակեց խոսել։ Շուտով նկատեց, որ Բեքին կարմրած դեմքով ու վառվող աչքերով ետ ու առաջ է վազում, ձևացնելով, թե ընկերներին է հալածում։ Նա ծիծաղից պայթում էր, երբ հաջողվում էր որևէ մեկին բռնել։ Բայց Թոմը նկատեց, որ միշտ իր շուրջն է պտտվում և հարմար պահերին իր կողմն է նայում։ Դա շոյում էր Թոմի ինքնասիրությունը, բայց փոխանակ այդ զգացումը հաղթահարելու, տղան շարունակում էր ցույց տալ, թե իբր չի նկատում աղջկա ներկայությունը։ Այդ ժամանակ Բեքին թողեց վազվզելը և անվճռական քայլերով հեռացավ, մի քանի հառաչանք արձակելով և վախեցած ու գաղտնի հայացքներ գցելով Թոմի կողմը։ Հետո նկատեց, որ Թոմը առավել ուշադրությամբ խոսում է Էմի Լաուրենսի հետ, քան ուրիշների։ Նա սուր ցավ զգաց, հանկարծ սկսեց ձանձրանալ ու անհանգստանալ։ Փորձեց հեռանալ, բայց ոտքերը դավաճանեցին և նրան տարան դեպի խումբը։ Թոմի կողքին գտնվող աղջիկներից մեկին նա ասաց․
― Մերի Օստին, վատ աղջիկ, ինչո՞ւ կիրակնօրյա դպրոց չէիր եկել։
― Եկել էի, դու ինձ չտեսա՞ր։
― Ո՛չ, եկե՞լ էիր։ Որտե՞ղ էիր նստել։
― Միս Պիտերիսի դասարանումն էի, ինչպես միշտ։ Ես քեզ տեսա։
― Տեսա՞ր։ Զարմանալի է, որ ես քեզ չտեսա։ Ուզում էի քեզ ասել պիկնիկի մասին։
― Ա՜, հրաշալի է, ո՞վ է կազմակերպում։
― Մայրս ինձ թույլ է տալիս կազմակերպել։
― Ա՜, սքանչելի է․ հույս ունեմ, որ ինձ կհրավիրի։
― Դե, անշուշտ։ Պիկնիկն ինձ համար է կազմակերպվում։ Նա կհրավիրի բոլոր նրանց, ում ես ուզեմ։ Իսկ ես ուզում եմ, որ դու գաս։
― Դու շատ բարի ես։ Ե՞րբ է լինելու։
― Շուտով։ Գուցե արձակուրդներին։
― Օ՜, ինչ հրաշալի բան կլինի։ Բոլոր տղաներին ու աղջիկներին կանչելո՞ւ ես։
― Այո, բոլոր նրանց, ովքեր իմ բարեկամներն են կամ ուզում են լինել։ ― Եվ նա գաղտնի նայեց Թոմին, որն այդ ժամանակ Էմի Լաուրենսին պատմում էր կղզում եղած սարսափելի փոթորկի մասին, թե ինչպես կայծակը կտոր֊կտոր արեց թեղի խոշոր ծառը, երբ ինքը ծառից միայն երեք ոտնաչափ էր հեռու։
― Ես կարո՞ղ եմ գալ, ― հարցրեց Գրեյսի Միլըրը։
― Այո։
― Իսկ ե՞ս, ― հարցրեց Սալի Ռոջերսը։
― Այո։
― Ե՞ս էլ, ― ասաց Սյուզի Հարպըրը, ― Ջոն է՞լ։
― Այո։
Եվ այդպես բոլորն էլ ուրախ ծափ էին տալիս, մինչև բոլորն էլ խնդրեցին, որ իրենց հրավիրեն, բացի Թոմից ու Էմիից։ Հետո Թոմը սառնորեն շուռ եկավ և շարունակելով խոսել, հեռացավ Էմիի հետ։ Բեքիի շրթունքները դողացին, և աչքերը արցունքով լցվեցին։ Նա դրանք քողարկեց շինծու ուրախությամբ և շարունակեց շաղակրատել, բայց պիկնիկը կորցրեց իր հետաքրքրությունը, ինչպես ամեն ինչ։ Նա առաջին իսկ առիթով հեռացավ ընկերուհիներից և մի տեղ պահվելով մի «կուշտ» լաց եղավ, ինչպես վարվում են գեղեցիկ սեռին պատկանողները։ Հետո մռայլ, վիրավորված հպարտությամ նստեց մինչև զանգը հնչեց։ Նա վեր կացավ՝ աչքերում վրեժխնդրություն, թափ տվեց հյուսերը և ասաց, թե այժմ գիտե իր անելիքը։
Դասամիջոցին Թոմը շարունակեց սիրահետել Էմիին մեծ բավականությամբ։ Նա ուզեց Բեքիին գտնել և կատաղեցնել իր արածով։ Ի վերջո գտավ, բայց նրա ուրախությունը հանկարծ փչացավ։ Բեքին դպրոցի հետևում, մի փոքր նստարանի նստած՝ զրուցում և պատկերազարդ մի գիրք էր դիտում Ալֆրեդ Տեմպլերի հետ․ այնքան կլանված էին նրանք, գրքի վրա նրանց գլուխները այնքան մոտիկ էին, որ կարծես իրենց շուրջը ոչինչ չէին տեսնում։ Նախանձը կրակի պես հոսեց Թոմի երակներում։ Նա սկսեց իրեն ատել Բեքիի տված հաշտության առիթը բաց թողնելու համար։ Իրեն հիմար և ամեն տեսակի վատ անուններ տվեց։ Ուզեց կատաղությունից լաց լինել։ Քայլելիս Էմին շարունակում էր ուրախ շաղակրատել, որովհետև նրա սիրտը երգում էր, մինչդեռ Թոմի լեզուն կապ էր ընկել։ Նա չէր լսում Էմիի ասածը, իսկ երբ աղջիկը լռում էր և պատասխանի սպասում, Թոմը դժկամությամբ մի խոսք էր մրթմրթում, հաճախ անտեղի։ Նա շարունակ դպրոցի ետևն էր գնում, թեև այդ ատելի տեսարանը նրան տանջում էր։ Տղան չէր կարողանում այլ կերպ վարվել։ Եվ նա խենթանում էր այդ բանը տեսնելով։ Նրան թվում էր, թե Բեքի Թեչըրին չի էլ հետաքրքրում իր գոյությունը։ Բայց աղջիկը հրճվում էր, տեսնելով, որ այժմ էլ տղան է տառապում։ Էմիի ուրախ շաղակրատանքը անտանելի դարձավ։ Թոմն ասաց, թե ինչ֊որ գործեր ունի, անհետաձգելի գործեր։ Ժամանակ չկա․․․ Բայց իզուր, աղջիկը շարունակում էր խոսել։ Թոմը մտածեց․ «Է՜, գրողը տանի, երբեք չե՞մ կարողանալու սրանից օձիքս ազատել»։ Ի վերջո նա պարտավոր էր իր գործերն անել։ Աղջիկն ասաց, որ դասերն ավարտվելուց հետո «շրջակայքում» կլինի։ Թոմը շտապեց հեռանալ, ատելով այդ աղջկան։
«Մի ուրիշ տղա», մտածեց Թոմը ատամները կրճտացնելով, «Թող մի ուրիշ տղա լիներ ամբողջ քաղաքից, բացի սենտլուիզցի այս մեկից, որն այնքան լավ է հագնվում և իրեն արիստոկրատ է համարում։ Է՜հ, շատ լավ․ առաջին օրն իսկ, երբ այս քաղաքը եկար, ես քեզ ծեծեցի, միստր, և նորից կծեծեմ։ Սպասիր, մինչև դրսում բռնեմ քեզ, սպասիր․․․»։
Եվ Թոմը սկսեց երևակայական տղային ծեծել, ձեռքերն օդում թափահարելով, աքացի տալով և խոսելով․
― Ախ, դո՞ւ ես, հա՞։ Դե խնդրիր, որ խնայեմ։ Առ քեզ։ Թող դա քեզ դաս լինի։
Եվ այդպես, երևակայական այդ կռիվը ավարտվեց Թոմի հաղթանակով։
Կեսօրին Թոմը տուն փախավ։ Նա այլևս չէր կարողանում դիմանալ Էմիի միամիտ երջանկությանը, իսկ նախանձը այլևս չէր կարողանում դիմանալ վշտին։ Բեքին ավարտեց Ալֆրեդի հետ նկարներ նայելը, բայց որովհետև րոպեներն անցնում էին, և Թոմը չէր վերադառնում տառապելու, հաղթանակը սկսեց ամպոտել և հետաքրքրությունը կորցրեց։ Լրջությունը և անուշադրությունը հաջորդեցին, որից հետո եկավ թախիծը։ Մի անգամ նա ականջ դրեց ոտնաձայնի։ Զուր հույսեր։ Թոմը չեկավ։ Ի վերջո աղջիկն իրեն բոլորովին դժբախտ զգաց։ Երանի խաղն այդքան հեռու տարած չլիներ։ Երբ խեղճ Ալֆրեդը տեսնելով, որ կորցնում է նրան, շարունակեց բացականչել․ «Ահա մի հրաշալի նկար, սրան նայիր», աղջիկը ի վերջո համբերությունից դուրս եկավ և ասաց․ «Է՜հ, հանգիստ թող ինձ, ձանձրացա»։ ― Նա լաց եղավ ու վեր կենալով հեռացավ։
Ալֆրեդը քայլեց նրա կողքով, ուզեց մխիթարել, բայց Բեքին ասաց․
― Հեռացիր և ինձ մենակ թող։ Ես քեզ ատում եմ։
Տղան կանգ առավ, մտածելով, թե ինչ վատ բան կարող էր արած լինել։ Չէ՞ որ աղջիկն ասում էր, թե ամբողջ հետմիջօրեն նկարներ կնայի, իսկ այժմ լաց լինելով հեռանում էր։ Ալֆրեդը սկսեց շրջել ամայի դասարանում։ Նա ստորացված և բարկացած էր։ Հեշտությամբ գուշակեց ճշմարտության ճանապարհը, աղջիկը պարզապես իրեն օգտագործեց Թոմ Սոյերին չարացնելու, վրեժ լուծելու համար։ Երբ այդ եզրակացության եկավ, ավելի ատեց Թոմին։ Ուզեց որևէ ձևով Թոմից վրեժ լուծել, առանց իրեն վտանգելու։ Աչքովն ընկավ Թոմի ընթերցանության գիրքը։ Ահա և առիթը։ Նա բացեց այդ օրվա դասի տեղը և ամբողջ էջի վրա թանաք լցրեց։
Այդ պահին լուսամուտից նայող Բեքին տեսավ նրա արարքը և առանց նշմարվելու հեռացավ։ Տուն գնաց, մտածելով, որ պետք է Թոմին գտնել և ասել։ Թոմը շնորհակալ կլինի, և անախորժությունները կվերջանան։ Տան կես ճանապարհին չհասած, նա փոխեց միտքը։ Հիշեց Թոմի վերաբերմունքը պիկնիկի մասին խոսելիս և ամաչեց։ Որոշեց․ թող նրան ծեծեն, ընթերցանության գիրքը կեղտոտելու համար։
Այդ տղային ինքը ընդմիշտ կատի։
Գլուխ XX
Թոմը տուն հասավ մռայլ տրամադրությամբ և մորաքրոջ առաջին իսկ խոսքերից հասկացավ, որ վշտերը մեղմելու համար լավ տեղ չէր ընտրել։
― Թոմ, ինչպես երևում է, կաշիդ քերթելու եմ։
― Ի՞նչ եմ արել, մորաքույր։
― Արածդ բավական է։ Հիմարի պես գնում եմ Սերենի Հարպըրի մոտ, կարծելով, թե նրան կհավատացնեմ, որ ճիշտ են երազի մասին քո ասած հիմարությունները, բայց պարզվում է, նա Ջոյից ամեն ինչ իմացել է։ Դու այստեղ ես եղել և լսել այդ գիշերվա մեր ամբողջ զրույցը։ Թոմ, ես չգիտեմ, թե ինչ դուրս կգա քեզ նման մի տղայից, որն այդպես է վարվում։ Ինձ շատ վատ եմ զգում, մտածելով, թե դու ինչպես թույլ տվիր, որ գնամ Սերենի Հարպըրի մոտ, ծաղրատեղ դառնամ․․․ և ոչ մի խոսք չասացիր։
Թոմն ամեն ինչ տեսավ նոր լույսի տակ։ Առավոտյան իր սրամտությունը տղային թվում էր լավ հնարված, հաջող կատակ։ Այժմ դա թվում էր վատ, հիմար արարք։ Նա գլուխը կախեց և մի պահ չկարողացավ ասելիք գտնել, հետո ասաց․
― Մորաքույր, երանի արած չլինեի, բայց չմտածեցի։
― Ախ, Թոմ, դու երբեք չես մտածում։ Դու ոչ մի բանի մասին չես մտածում, բացի քո եսամոլությունից։ Դու կարող ես մտածել գիշերով Ջեկսոնի կղզուց մինչև այստեղ գալու և քո պատճառած մտահոգությունների վրա ծիծաղելու մասին, կարող ես մտածել հնարովի երազով իմ վրա ծիծաղելու մասին, բայց երբեք էլ չես կարող մեզ խղճալու և վիշտ չպատճառելու մասին մտածել։
― Մորաքույր, ես այժմ գիտեմ, որ շատ ստոր բան եմ արել, թեև չէի ուզում ստոր բան անել։ Չէի ուզում, ազնիվ խոսք։ Մյուս կողմից, այդ գիշեր ես քեզ վրա ծիծաղելու չեկա։
― Հապա ինչո՞ւ եկար։
― Եկա ասելու, որ մեր մասին չանհանգստանաք, որ մենք չենք խեղդվել․․․
― Թոմ, Թոմ, ես այս աշխարհի ամենաշնորհակալ մարդը կլինեի, եթե կարողանայի հավատալ, որ դու գոնե այդքան բան մտածած կլինես, բայց դու ինքդ գիտես, որ այդպիսի բան մտքովդ չի անցել։ Ես էլ գիտեմ, Թոմ։
― Ճիշտ, ճիշտ եմ ասում, մորաքույր, քարանամ, եթե դրա համար եկած չլինեմ։
― Օ՜հ, Թոմ, մի ստիր, մի ստիր։ Այդպես հազար անգամ ավելի է մեծանում հանցանքդ։
― Չեմ ստում, մորաքույր, ճիշտ եմ ասում։ Ես ուզում էի, որ դու չվշտանայիր, միայն դրա համար եկա։
― Ամբողջ աշխարհը կտայի, եթե հավատայի դրան։ Դա կծածկեր քո մեղքերը, Թոմ։ Ես նույնիսկ ուրախ կլինեի, որ դու փախել ես և այդքան վատ վարվել։ Բայց դա խելքի մոտ բան չէ։ Հապա ինչո՞ւ չասացիր, այ տղա։
― Որովհետև, գիտե՞ս ինչու, մորաքույր, երբ դուք սկսեցիք խոսել թաղման մասին, ես միանգամից մտածեցի գալու և եկեղեցում թաքնվելու մասին և չկարողացա, չգիտեմ ինչու, չկարողացա փչացնել գործը։ Ես նորից գրպանս դրեցի ծառի կեղևը և լուռ մնացի։
― Ի՞նչ կեղև։
― Այն կեղևը, որի վրա գրել էի, թե մենք գնացել ենք ծովահենության։ Երանի արթնացած լինեիր, երբ համբուրեցի քեզ։ Ազնիվ խոսք համբուրեցի։
Մորաքրոջ դեմքի խստությունը մեղմացավ, ու աչքերում հանկարծակի քնքշություն երևաց։
― Դու ինձ համբուրեցի՞ր, Թոմ։
― Այո, իհարկե, համբուրեցի։
― Վատա՞հ ես, Թոմ։
― Այո, իհարկե, իհարկե համբուրեցի, մորաքույր։
― Ինչո՞ւ համբուրեցիր, Թոմ։
― Որովհետև քեզ շատ եմ սիրում, դու երազում հեկեկում էիր, և ես ցավում էի․․․
Այդ խոսքերը ճշմարտանման հնչեցին։ Պառավ լեդին չէր կարող թաքցնել դողացող ձայնը, երբ ասաց․
― Նորից համբուրիր ինձ, Թոմ, և այժմ դպրոց գնա ու ինձ այլևս մի խանգարի։
Նրա գնալուց անմիջապես հետո մորաքույրը մառան վազեց և դուրս հանեց Թոմի ծովահենության պատառոտված բաճկոնը։ Բաճկոնը ձեռքին կանգնեց և ասաց ինքն իրեն․
― Ոչ, չեմ համարձակվի։ Խեղճ երեխա․ ես համոզված եմ, որ ստեց, բայց դա օրհնյալ սուտ է, օրհնյալ սուտ, այնքան հանգստացնող սուտ։ Հույս ունեմ, որ Տերը, որ Տերը կօգնի նրան․ այնքան մաքուր սրտով էր ասում։ Բայց չեմ ուզում իմանալ, որ դա սուտ էր։ Չեմ ստուգի։
Նա բաճկոնը տեղը դրեց, կողքին կանգնեց ու մի պահ մտածեց։ Երկու անգամ ձեռքը երկարեց այն վերցնելու և երկու անգամ էլ ետ քաշեց։ Մի անգամ էլ փորձեց և այս անգամ իրեն ուժ տվեց մտածելով․ «Լավ սուտ էր, բարի սուտ, չեմ թողնի, որ այն ինձ տանջի»։ Նա նայեց բաճկոնի գրպանը։ Մի րոպե հետո կարդաց Թոմի կեղևի կտորը։ Աչքերից արցունք հոսեց, և նա մրմնջաց․
― Հիմա կարող եմ ներել նրան, եթե նույնիսկ մեկ միլիոն հանցանք գործած լինի։
ԳլուխXXI
Թոմին համբուրելիս մորաքույր Պոլիի դեմքը այնպիսի արտահայտություն ուներ, որն տղայի վատ տրամադրությունը չքացրեց և նրան նորից դարձրեց թեթևասիրտ և երջանիկ։ Նա դպրոց գնաց և բախտ ունեցավ Միդս Լեյն մարգագետնի եզրին Բեքի Թեչըրին հանդիպելու։ Նրա տրամադրությունը միշտ որոշում էր անելիքը։ Առանց մի պահ վարանելու, նա վազեց աղջկա մոտ և ասաց․
― Այսօր ես շատ վատ վարվեցի, Բեքի, և այնպես ցավում եմ։ Ես այլևս այդպես չեմ անի, ինչքան ապրեմ։ Խնդրում եմ՝ հաշտվենք, այո՞։
Աղջիկը կանգ առավ և արհամարհանքով նայեց տղայի դեմքին։
― Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք ձեզ ինձնից հեռու պահեք, միստեր Թոմաս Սոյեր։ Ես ձեզ հետ երբեք չեմ խոսի։
Նա գլուխը թափ տվեց ու կողքով անցավ։ Թոմն այնպես շշմեց, որ նույնիսկ չկարողացավ պատասխանել․ «Շատ հոգս է, օրիորդ Խելոք»։ Պատասխանելու համար պահն արդեն անցել էր։ Նա ոչինչ չասաց, բայց այնուամենայնիվ կատաղեց։ Մտավ դպրոցի բակը, ցանկանալով, որ Բեքին տղա լիներ և պատկերացնելով, թե ինչպես պիտի ծեծեր նրան։ Այդ պահին նա անցավ աղջկա կողքով և վիրավորական խոսք նետեց։ Աղջիկը նույն ձևով պատասխանեց, և բաժանումը կատարյալ դարձավ։ Բարկացած Բեքին անհամբեր սպասաում էր, որ դասը վերսկսվի։ Ուզում էր տեսնել, թե ինչպես է Թոմը ծեծ ուտելու կեղտոտված գրքի համար։ Եթե նա երբևէ մտածել էր Ալֆրեդ Տեմպլին մատնելու մասին, Թոմի վիրավորական խոսքերից հետո այդ միտքը լրիվ չքացավ։
Խեղճ աղջիկ, չգիտեր, թե վտանգը ինչքան մոտ է իրեն։
Ուսուցիչ միստր Դոբինսը միջին տարիքի էր հասել չիրագործված երազանքով։ Նրա նվիրական ցանկությունն էր բժիշկ դառնալ, բայց աղքատությունը նրան դատապարտել էր դառնալու ոչ ավելին, քան գյուղական դպրոցի ուսուցիչ։ Ամեն օր նա մի խորհրդավոր գիրք էր հանում դարակից և զբաղվում դրանով, երբ աշակերտները դաս չէին պատասխանում։ Այդ գիրքը կողպեքի տակ էր պահվում։ Դպրոցում ոչ մի տղա չկար, որ չմեռներ այդ գրքի վրա մի հայացք գցելու ցանկությունից, բայց երբեք առիթ չէր լինում։ Յուրաքանչյուր տղա կամ աղջիկ իր կարծիքն ուներ այդ գրքի էության մասին, բայց ոչ մի կարծիք չէր համնկնում մյուսի հետ, և ոչ մի ճանապարհ չկար, ճշմարտությունը պարզելու։ Երբ Բեքին անցնում էր սեղանի մոտով, որը դռան մոտ էր, նկատեց, որ բանալին կողպեքի վրա է։ Թանկագին առիթ էր։ Աղջիկը շուրջը նայեց։ Մենակ էր։ Հաջորդ վայրկյանին գիրքը նրա ձեռքին էր։ Առաջին էջի ինչ֊որ պրոֆեսորի «Անատոմիա»֊ն նրա ուղեղին անհասկանալի մնաց։ Սկսեց էջերը թերթել։ Անմիջապես հասավ մարդկային դեմքի մի գեղեցիկ ու գունավոր նկարի։ Այդ պահին մի ստվեր ընկավ էջի վրա, և թոմ Սոյերը ներս մտավ ու մի հայացք գցեց նկարին։ Բեքին շտապեց գիրքը փակել և դժբախտություն ունեցավ նկարազարդ էջը մինչև կեսը պատռելու։ Նա գիրքը դրեց դարակի մեջ, բանալին դարձրեց ու բարկությունից լաց եղավ։
― Թոմ Սոյեր, ավելի ստոր լինել չեք կարող․ հետևել մեկին ու լրտեսել, թե նա ինչի է նայում։
― Ես ինչի՞ց իմանայի, որ դուք մի բանի եք նայում։
― Դուք պետք է ձեզնից ամաչեք, Թոմ Սոյեր։ Անշուշտ կմատնեք ինձ։ Եվ ի՞նչ պիտի անեմ ես, ի՞նչ պիտի անեմ։ Ինձ կծեծեն, իսկ ինձ դպրոցում երբեք չեն ծեծել։
Հետո նա փոքրիկ ոտքը գետնին խփեց և ասաց․
― Այդքան ստորացիր, եթե ուզում ես, իսկ ես մի բան գիտեմ, որը շուտով լինելու է։ Սպասիր և կտեսնես։ Ատելի, ատելի, ատելի տղա։ ― Եվ լացի մի նոր պոռթկումով սենյակից դուրս նետվեց։
Թոմը մնաց անշարժ, այս հարձակումից շշմած։ Հետո ասաց ինքն իրեն․
― Ինչ հետաքրքիր խենթ է այս աղջիկը։ Դպրոցում երբեք չեն ծեծել։ Ի՞նչ մեծ բան է ծեծվելը։ Իսկական աղջիկ է։ Դրանք շատ նուրբ մաշկ ունեն ու հավի սիրտ։ Դե, իհարկե, ես այդ Դոբինսին չեմ ասի այս փոքրիկ գժի մասին․ հաշիվ մաքրելու ուրիշ ձևեր կան, որ ստոր չեն։ Բայց դրանից ի՞նչ դուրս կգա։ Ծեր Դոբինսը հարցնելու է, թե ո՞վ է պատռել իր գիրքը։ Ոչ ոք չի պատասխանի։ Հետո վարվելու է այնպես, ինչպես սովոր է․ մեկ֊մեկ կհարցնի բոլորին, իսկ երբ հասնի հանցավորին, գլխի կընկնի առանց խոստովանելու։ Աղջիկների դեմքերը նրանց միշտ մատնում են։ Դիմացկուն չեն։ Սա ծեծ կուտի։ Դա Բեքի Թեչըրի համար վատ է, որովհետև խուսափելու տեղ չունի։ Թոմը մի փոքր մտածեց, հետո ավելացրեց․ ― Շատ լավ է․ կուզենար տեսնել ինձ այդ վիճակում, հիմա թող իր վրա փորձի։
Թոմը միացավ միջանցքում խաղացող աշակերտներին։ Մի քանի րոպեից ուսուցիչը վերադարձավ և աշակերտներին ներս տարավ։ Թոմը դասերով առանձնապես չէր հետաքրքրքվում։ Ամեն րոպե հայացք էր գցում աղջիկների կողմը, և Բեքիի դեմքը մտահոգում էր նրան։ Ամեն ինչ հաշվի առնելով, նա չէր ուզում խղճալ աղջկան, բայց չէր կարողանում։ Չէր կարողանում ուրախանալ նրա վիճակով։ Շուտով ընթերցանության գրքի գաղտնիքը բացվեց, և Թոմի միտքը որոշ ժամանակ զբաղվեց իր հարցով։ Բեքին դուրս եկավ իր ճնշված վիճակից և մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այդ իրադարձության նկատմամբ։ Նա չէր սպասում, որ Թոմը կկարողանա գլխացավանքից ազատվել, ասելով, թե ինքը չի թափել թանաքը։ Եվ նա իրավացի էր։ Թոմի ուրացումը ավելի վատթարացրեց գործը։ Բեքին կարծում էր, թե ինքը կուրախանա դրա համար, բայց այդպես չեղավ։ Երբ գործը հասավ ամենավատին, նա ցանկացավ վեր կենալ և ասել Ալֆրեդ Տեմպլի մասին, բայց ճիգ գործադրեց ու իրեն ստիպեց լուռ մնալ, որովհետև, ասաց նա ինքն իրեն, Թոմն անշուշտ կհայտնի գիրքը պատռելու մասին։ «Նույնիսկ դրա կյանքը ազատելու համար մի բան չեմ ասի», ― որոշեց նա։
Թոմը ծեծ կերավ ու տեղը վերադարձավ առանց վիրավորանք զգալու․ մտածում էր, թե երևի խաղի ժամանակ, առանց իմանալու, ինքը շուռ տված լինի թանաքը ընթերցանության գրքի վրա։ Նա ուրացավ ձևի համար, որովհետև այդպես էր ընդունված, և համառեց իր խոսքի վրա՝ ի սեր սկզբունքի։
Մի ամբողջ ժամ անցավ։ Ուսուցիչն իր գահի վրա ննջում էր։ Օդը լցված էր դաս սերտելու բզզոցով։ Ի վերջո միստր Դոբինսը ուղղվեց, հորանջեց, հետո բացեց դարակը և ձեռքը երկարեց գրքին, բայց դեռ չէր վճռել՝ գիրքը հանի՞, թե թողնի։ Աշակերտների մեծամասնությունը անտարբեր մնաց, բայց կային երկուսը, որ նրա շարժումները դիտում էին ուշադրությամբ։ Միստր Դոբինսը գիրքը մտացրիվ շուռ տվեց, հետո դուրս բերեց և աթոռի վրա տեղավորվեց՝ կարդալու։
Թոմը մի հայացք գցեց Բեքիի կողմը։ Աղջիկը գրքին նայում էր այնպես, ինչպես հալածված ու անպաշտպան նապաստակը իր գլխին ուղղված հրացանին։ Թոմն իսկույն մոռացավ աղջկա հետ ունեցած վեճը։ Մի բան պետք է մտածել՝ շտապ, կայծակի արագությամբ։ Բայց շտապողականության անհրաժեշտությունը նրան մտածելու անկարող դարձրեց։ Ահա, նա մի ներշնչում ունեցավ․ կվազի, գիրքը կխլի, դռնից դուրս կնետվի և կփախչի։ Բայց այդ որոշումը կայացնելիս տղան մի վայրկյան տատանվեց և հարմար առիթը բաց թողեց։ Ուսուցիչը բացեց գիրքը։ Երանի կորած առիթը նորից ներկայանար Թոմին։ Շատ ուշ էր․ ոչինչ չէր կարող այժմ Բեքիին օգնել։ Հաջորդ պահին ուսուցիչը նայեց դասարանին։ Նրա հայացքի տակ բոլոր աչքերը խոնարհվեցին։ Այդ հայացքի մեջ մի բան կար, որից անմեղներն էլ սարսափում էին։ Մինչև տասը հաշվելու չափ լռություն տիրեց։ Ուսուցիչը ցասումն էր կուտակում։ Հետո նա խոսեց․
― Ո՞վ է պատռել գիրքը։
Ոչ մի պատասխան չեղավ։ Եթե հատակին ասեղ ընկներ, ձայնը կլսվեր։ Լռությունը շարունակվեց։ Ուսուցիչը դեմք֊դեմքի ետևից քննեց հանցանքի նշան գտնելու համար։
― Բենջամեն Ռոջըրս, դո՞ւք պատռեցիք գիրքը։
Բացասական պատասխան։ Նորից լռություն։
― Ջոզեֆ Հարպըր, դո՞ւք պատռեցիք։
Նորից ժխտում։ Այս արարողության դանդաղ տանջանքի տակ Թոմի անհանգստությունը գնալով ավելանում էր։ Ուսուցիչը նայեց տղաների շարքին, մի պահ մտածեց, հետո նորից դարձավ աղջիկներին․
― Էմի Լաուրե՞նս։
Գլխի բացասական շարժում։
― Գրեյսի Մի՞լըր։
Նույն շարժումը։
― Սյուզան Հարպըր, դո՞ւք պատռեցիք։
Նորից բացասական շարժում։ Հաջորդ աղջիկը Բեքի Թեչըրն էր։ Թոմը ոտքից գլուխ հուզմունքից դողում էր, զգալով դրության անհուսալիությունը։
― Ռեբեքա Թեչըր (Թոմը նայեց աղջկա դեմքին․ սարսափից սպիտակել էր), դո՞ւք պատռեցիք, ո՞չ, դեմքիս նայեք (աղջկա ձեռքերը աղերսական բարձրացան), դո՞ւք պատռեցիկ գիրքը։
Մի միտք փայլատակեց Թոմի ուղեղում։ Նա վեր թռավ և գոռաց․
― Ես եմ արել։
Ամբողջ դպրոցը տարակուսանքով նայեց այս անհավատալի խենթությանը։ Թոմը մի պահ կանգնեց հավաքելու համար ուժերը և երբ գնաց իր պատժին ընդառաչ, զարմանքը, շնորհակալությունը, պաշտամունքը, որ Բեքիի աչքերից ճառագայթում էին, հարյուր հարվածի վարձատրություն թվաց։ Իր արարքի փայլով ներշնչված, նա ընդունեց միստր Դոբինսի երբևէ տված ամենաանխիղճ հարվածները։ Նույն անտարբերությամբ ընդունեց դպրոցից հետո երկու ժամ մնալու հավելյալ պատիժը, որովհետև գիտեր, թե ո՞վ է իրեն դրսում սպասելու, երբ իր գերությունը վերջանա։ Եվ դպրոցում մնալու ձանձրալի ժամերը կորուստ չէր համարում։
Այդ գիշեր Թոմը անկողին մտավ Ալֆրեդ Տեմպլերի դեմ վրեժ ծրագրելով, որովհետև ամոթով ու զղջումով Բեքին ամեն ինչ պատմել էր, չմոռանալով իր դավաճանությունը։ Բայց նույնիսկ վրեժ լուծելու մարմաջը շուտով տեղի տվեց ամենահաճելի մտածումներին․ նա ի վերջո քնեց Բեքիի վերջին խոսքերը ականջում․
― Թոմ, ինչպե՞ս կարող ես այդքան ազնիվ լինել։
Գլուխ XXII
Արձակուրդները մոտենում էին։ Միշտ խստապահանջ ուսուցիչը ավելի խստացավ և ավելի պահանջկոտ դարձավ, որովհետև ցանկանում էր, որ աշակերտները հաջող հանդես գային քննությունների օրը։ Նրա փայտն ու քանոնը այժմ շատ քիչ էին անգործ մնում, հատկապես փոքր աշակերտների շրջանակում։ Միայն ամենամեծ տղաները և տասնութ֊քսան տարեկան օրիորդներն էին զերծ մնում պատժից։ Միստր Դոբինսի պատիժները շատ խիստ էին։ Թեև նա կեղծամի տակ կրում էր բոլորովին ճաղատ ու փայլուն գլուխ, հազիվ միջին տարիքի էր և մկաններում թուլության նշան անգամ չուներ։ Նշանավոր օրվա մոտենալու հետ նրա մեջ եղած ամբողջ բռնակալությունը երևան էր գալիս։ Թվում էր, թե նա հաճույք էր զգում ամենափոքր հանցանքի համար իսկ պատժելուց։ Հետևանքը լինում էր այն, որ փոքր տղաները իրենց օրն անց էին կացնում սարսափի մեջ, իսկ գիշերները վրեժխնդրություն ծրագրելով։ Նրանք ոչ մի առիթ բաց չէին թողնում ուսուցչին գլխացավանք պատճառելու համար։ Բայց առավելությունը միշտ մնում էր ուսուցչի կողմը։ Վրեժխնդրության յուրաքանչյուր հաջող արարքին հետևող ճնշումը այնքան հիմնական ու արքայական էր լինում, որ տղաները ռազմադաշտից հեռանում էին մեծ կորուստներով։ Ի վերջո նրանք միասնաբար դավադրեցին, մի ծրագիր մշակեցին, որ փայլուն հաղթանակ էր խոստանում։ Խոսեցին ցուցանակներ գրողի տղայի հետ, իրենց ծրագիրը հայտնեցին և նրանից օգնություն խնդրեցին։ Այդ տղան իր ուրույն պատճառներն ուներ ուրախանալու, որովհետև ուսուցիչն ապրում էր իրենց ընտանիքի հետ և բազմաթիվ առիթներ էր ստեղծել՝ իրեն ատելու։ Ուսուցչի կինը մի քանի օրից գյուղ էր մեկնելու, և ծրագրի իրագործմանը խանգարող ոչ մի արգելք չկար։ Նման կարևոր իրադարձություններին ուսուցիչը միշտ լավ էր պատրաստվում՝ հարբելով։ Ցուցանակ գրողի տղան ասաց, որ երբ նա քննության երեկոյին հասնի հարմար բարձրության և ննջի իր աթոռի վրա, ինքը «գործը գլուխ կբերի»։ Հետո ճիշտ ժամանակին կարթնացնի և կշտապեցնի դպրոց։
Ամեն ինչ եղավ ծրագրվածի պես։ Երեկոյան ժամը ութին դպրոցը պայծառ լուսավորված էր և զարդարված տերևներով ու ծաղիկներով։ Ուսուցիչը նստել էր իր մեծ աթոռին, ինչպես գահի վրա՝ բարձր դիրքով, գրատախտակի ետևում։ Նա բավականաչափ խմածի տեսք ուներ։ Յուրաքանչյուր կողմի երեք շարքի նստարաններն ու կենտրոնի վեց շարք նստարաններն զբաղեցրել էին քաղաքի նշանավոր անձինք և աշակերտների ծնողները։ Ձախ կողմում, քաղաքացիների շարքի ետևում, կար ժամանակավորապես շինված մի ընդարձակ տախտակամած, որտեղ նստել էին երեկոյան քննություններին հանդես եկող աշակերտները։ Լվացված ու զգեստավորված տղաների շարքեր, անհանգիստ լինելու աստիճան հուզված պատանիների շարքեր և, վերջապես, փոքրիկ աղջիկների ու դեռատի օրիորդների շարքեր, որոնք զարդարված էին նուրբ զգեստներով և ցուցադրում էին իրենց մերկ թևերը, իրենց տոտիկների զարդերը, իրենց վարդագույն ու կապույտ ժապավենները, մազերի մեջ դրած ծաղիկները։ Սրահի մնացած մասը լցված էր քննություններին չմասնակցող դպրոցականներով։
Քննություններն սկսվեցին։ Մի շատ փոքր տղա կանգնեց և ամաչելով արտասանեց՝ «Դուք հազիվ թե սպասեք, որ իմ տարիքի մի տղա արտասանի» և այլն։ Նա իր խոսքերին միացնում էր տանջանքով հարմարեցված այնպիսի շարժումներ, որ մի փչացած մեքենա էլ կարող էր անել։ Բայց նա մի կերպ ավարտեց, թեև շատ վախվորած, արժանանալով ծափահարությունների, գլուխ տվեց ու հեռացավ։
Ամոթխած դեմքով մի աղջիկ թոթովեց․ «Մերին ուներ մի փոքր գառ» և այլն, հաճելի ձևով գլուխ տվեց, ստացավ ծափերի իր բաժինը, նստեց շիկնած ու երջանիկ։
Թոմ Սոյերը կեղծ համարձակությամբ բեմ եկավ ու արտասանեց հին, բայց անմեռ «Ինձ ազատություն տվեք կամ մահ» ճառը՝ հրաշալի կատարումով, ձեռքի ուժեղ շարժումներով և կեսին կանգ առավ։ Հասարակության առաջ խայտառակվելու սարսափը տիրեց նրան, սրունքները դողացին, շունչը կտրվեց։ Ճիշտ է, դահլիճի համակրանքը նրա կողմն էր, բայց կար նաև դահլիճի լռությունը, որն ավելի վատ էր, քան այդ համակրանքը։ Ուսուցիչը հոնքերը կիտեց և այդ աղետը լրացրեց․ Թոմը հեռացավ վերջնականապես պարտված։ Մի թույլ փորձ եղավ ծափահարելու, բայց դա շուտով մարեց։
Այնուհետև արտասանվեցին «Տղան կանգնեց իր այրվող տախտակամածին», «Ասորիները գնում էին» և այլ ոտանավորներ։ Հետո ընթերցանության քննություններ եղան։ Անցան երեկոյի ամենակարևոր իրադարձությանը՝ երիտասարդ աղջիկների «ինքնատիպ» շարադրություններին։ Աղջիկները հերթով գալիս էին բեմի ծայրը, կոկորդները մաքրում, բարձրացնում ձեռագիրը (որը կապված էր սիրուն ժապավենով) և սկսում կարդալ, մեծ ուշադրություն դարձնելով հնչյուններին ու կետադրությանը։ Թեմաները նույնն էին, ինչ եղել էին նման առիթներով նրանց մայրերի, տատիկների թեմաները և, անկասկած, իգական գծով բոլոր նախորդների թեմաները, մինչև խաչակիրները։ «Բարեկամություն», «Անցած օրերի հիշողություն», «Կրոնը պատմության մեջ», «Երազների աշխարհ», «Կուլտուրայի առավելությունները», «Քաղաքական կառավարության ձևերը՝ համեմատված և հակադրված», «Տխրություն», «Որդիական սեր», «Սրտի երազանքներ» և այլն, և այլն։
Այս շարադրությունների գլխավոր հատկությունը ընդգծված և մաշված թախիծն էր, անօգուտ և առատ «գեղեցիկ լեզուն», բացի դրանից, ինչ֊որ ձևով ախորժալուր բառեր և նախադասություններ գործածելու, դրանք հոգեհան անելու մեծ ճիգը։ Մի հատկանիշ էլ կար, որ շեշտված էր և ամեն ինչ խճողում էր։ Դա բարոյախոսությունն էր, որը բոլոր ելույթների վերջում իր պոչն էր ցցում։ Անկախ նրանից, թե ինչ էր թեման, մեծ ճիգ էր թափված, որպեսզի այն հարմարվեր բարոյական ու կրոնական մտքին։ Հակառակ քարոզների բացահայտ անլրջությանը, դրանք ոչ մի կերպ չես կարող դեն նետել։ Մինչև այսօր էլ դրանք իշխում են մեր դպրոցներում և չեն համարվում բավարար չափով մատուցված։ Գուցե երբեք էլ բավարար չհամարվեն, քանի դեռ աշխարհը գոյություն ունի։ Մեր ամբողջ երկրում չկա մի դպրոց, որտեղ երիտասարդ աղջիկները ստիպված չլինեն իրենց շարադրությունները եզրափակել բարոյախոսությամբ։ Կարող է պատահել, որ դպրոցի ամենաթեթևամիտ ու ամենաանստված աղջկա բարոյախոսությունը ամենաերկարը և ամենաաստվածավախը լինի։ Բայց բավական է այս մասին։ Ճշմարտությունը ոչ ոքի ճաշակով չէ։ Վերադառնանք «քննություններին»։ Ընթերցված առաջին շարադրությունը վերնագրված էր․ «Ա՛յս է ուրեմն կյանքը»։ Գուցե ընթերցողը դիմանա դրա մի հատվածին։
«Կյանքի հասարակ ճանապարհներին ինչ հուզումներով է երիտասարդի միտքը նայում ապագա ուրախ տեսարաններին։ Երևակայությունը հաճույքի վարդագույն պատկերներ է նկարում։ Երազներում մոդաների երկրպագուն իրեն տեսնում է տոնական շրջապատում, որտեղ ինքը դառնում է «դիտված բոլոր դիտողներից»։ Ձյունասպիտակ շրջազգեստի մեջ երևացող շնորհալի մարմինը ուրախ պարի շրջապտույտների մեջ է, նրա աչքերը ամենափայլունն են, քայլվածքը՝ ուրախ շրջապատի ամենաթեթև քայլվածքը։ Նման հաճելի զվարճություններով սահում անցնում է ժամանակը, և հասնում է այն օրը, երբ նա պետք է մուտք գործի էլիզյան աշխարհ, որի մասին այնքան պայծառ երազներ է փայփայել։ Ինչպես է ամեն ինչ նրա երջանիկ հայացքին երևում հեքիաթային։ Յուրաքանչյուր նոր տեսարան ավելի գրավիչ է դառնում, քան նախորդը։ Բայց շուտով նա գտնում է, որ այս գեղեցիկ արտաքինի ետևում ամեն ինչ ունայն է։ Գովեստները, որոնք մի ժամանակ գրավում էին հոգին, այժմ տհաճ է հնչում ականջին։ Պարահանդեսի սրահը կորցնում է գրավչությունը, և կորցրած առողջությամբ ու դառնացած սրտով նա հեռանում է այն համոզմամբ, որ երկրային հաճույքները չեն կարող բավարարել հոգու պահանջները։
Եվ այսպես շարունակ։ Ընթերցանության ժամանակ լսվում էին համաձայնության մրմունջներ, շշուկով արված դիտողություններ․ «որքան լավ է» է, «որքան գեղեցիկ է ասված», «ինչ ճշմարտություն» և այլն։ Երբ շարադրությունն ավարտվեց չափազանց ձանձրալի բարոյախոսությամբ, ոգևորված ծափահարեցին։
Հետո վեր կացավ մի նիհար, թախծոտ աղջիկ։ Դեմքն ուներ «հետաքրքրիր» գունատություն, որ արդյունք էր դեղերի և վատ մարսողության։ Նա կարդաց մի «բանաստեղծություն»։ Երկու տունը բավական կլինի․
Միսուրինցի աղջկա հրաժեշտը Ալաբամային
Ալաբամա, մնաս բարով։ Ես քեզ այնքան եմ սիրում,
Սակայն շուտով պիտի թողնեմ ու հեռանամ քեզանից։
Տխուր, այո, տխուր խոհեր են իմ սիրտը պարուրում,
Եվ ծանրանում են ճակատիս այրող հուշերը նորից․
Թափառել եմ քո ծաղկավետ պուրակների ստվերում,
Նավարկել ու գիրք կարդացել Տալապոզյան ջրերում,
Ունկնդրել եմ Տալասիի ալիքներին հողմավոր
Եվ Քուզայի կողմից դիտել արշալույսը հրավառ․․․
․․․ Սակայն ամոթ չեմ զգա ես իմ սրտի խոր հուզմունքից,
Չեմ կարմրի իմ աչքերից հոսող առատ արցունքից․
Ինձ օտար չէ այն երկիրը, որից պիտի բաժանվեմ,
Օտարին չէ, որ այս չքնաղ հողը պիտի ես թողնեմ։
Այս նահանգում իմ բաժինը տունն էր, գալուստը բարի․․․
Ես թողնում եմ հովիտ ու դաշտ, աշտարակներ վիթխարի,
Սառած պետք է սիրտս լինի, իմ աչքերը և tete֊ը,
Երբ սիրելի Ալաբամա, արդեն նայեմ քեզ սառը․․․
Այդտեղ գտնվողներից շատ քչերն էին հասկանում tete բառի իմաստը, բայց այնուամենայնիվ բանաստեղծությունը շատ գոհացուցիչ գտան։
Հաջորդը բեմ բարձրացավ թխադեմ, սևաչյա, սևահեր մի օրիորդ, որը մի պահ կանգնեց տպավորիչ կերպով, ընդունեց դեմքի ողբերգական արտահայտություն և չափված, լուրջ տոնով կարդաց․
Տեսիլք
«Մութ ու փոթորկալից գիշեր էր։ Երկնային գահի շուրջը ոչ մի աստղ չէր փայլփլում, բայց մարդու ականջին շարունակ հասնում էին ինչ֊որ որոտներ։ Սարսափելի կայծակը մարդկանց ցույց էր տալիս երկնքի սենյակները, կարծես արհամարհելով այն իշխանությունը, որ ձեռք էր բերել նշանավոր Ֆրանկլինը նրանց սարսափելի ուժի նկատմամբ։ Նույնիսկ կատաղի քամիները միահամուռ դուրս էին գալիս իրենց խորհրդավոր ապաստարաններից և մրրկում, կարծես իրենց օգնությամբ ավելի ահավոր դարձնելով այդ վայրի տեսարանը։ Այդ պահին այնքան մութն էր, որ իմ տխուր սիրտը մարդկային հոգու համար հառաչում էր։ Բայց․․․
Իմ ամենաթանկ բարեկամը, իմ խորհրդատուն, իմ մխիթարողն ու առաջնորդը,
Մշուշի մեջ իմ ուրախությունը, ուրախության մեջ իմ օրհնությունը եկավ ինձ մոտ։
Նա քայլում էր նման այն պայծառ արարածներին, որոնց Եդեմի արևոտ ուղիներում նկարել են երիտասարդ մարդիկ։ Դա գեղեցկության մի թագուհի էր, որ պաշտվում է իրենից բխող գեղեցկության համար։ Այնքան մեղմ էին նրա քայլերը, որ նույնիսկ ձայն չէր լսվում, բացի մոգական մի հնչյունից, որ ուղեկցում էր նրա շփումին, ինչպես ուրիշ անշոշափելի գեղեցկություններ, նա կարող էր սահել֊հեռանալ, անտեսանելի, անհպելի։ Մի տարօրինակ տխրություն իջել էր նրա դեմքին, ինչպես սառը արցունքներ՝ դեկտեմբերի շորերի վրա, երբ նա ցույց տվեց դրսի տարերքը և երկու ներկայացված արարածներին»։
Այս մղձավանջը գրավել էր ձեռագիր տասը էջ և ավարտվում էր մի բարոյախոսությամբ, որը ոչ֊ավետարանականների համար փրկության ոչ մի հույս չէր թողնում։ Ստացավ առաջին մրցանակը։ Այս շարադրությունը այդ երեկոյի լավագույն գործը համարվեց։ Քաղաքապետը մրցանակը հեղինակին հանձնելով, մի ջերմ ճառ արտասանեց և ասաց, որ դա իր լսած լավագույն գրվածքն էր և Դանիել Ուեբստերը կարող էր դրանով հպարտ լինել։
Ի միջի այլոց, պետք է անցողակի նկատել, որ այն շարադրությունները, որոնց մեջ շատ էր «գեղեցկագույն» բառը և մարդկային փորձառությունը կոչվում էր «կյանքի էջ», սովորականից քիչ չէին։
Ի վերջո, ուսուցիչը հարբածության համարյա գագաթնակետին, աթոռը մի կողմ դրեց, մեջքը ունկնդիրներին դարձրեց և սկսեց գրատախտակի վրա գծել Ամերիկայի քարտեզը՝ աշխարհագրության քննության համար։ Բայց ձեռքը դողում էր, և տխուր բան ստացվեց։ Սենյակում մեղմ ծիծաղ լսվեց։ Նա կռահեց, թե ինչը ինչոց է և փորձեց ուղղել այն։ Գծերը ջնջեց և նորից գծեծ։ Բայց ավելի վատթարացրեց դրանք, իսկ ծիծաղը ավելի շեշտված հնչեց։ Նա իր ամբողջ ուշադրությունը նվիրեց իր աշխատանքին, վճռեց գինու ազդեցությանը չենթարկվել։ Զգում էր, որ բոլոր աչքերը իրեն են ուղղված, թվաց, թե գործը հաջողվում է, բայց ծիծաղը շարունակվում էր, նույնիսկ որոշակիորեն սաստկացավ։ Եվ դա զարմանալի չէր։ Ուսուցչի գլխավերևում, առաստաղում մի ճեղք կար։ Այդ ճեղքից ցած էր կախվում ետևի ոտքերից կապված մի կատու։ Գլուխը փալասով փաթաթել էին, որ չմլավի։ Ներքև կախվելիս կատուն վեր էր ձգտում և աշխատում պարանը բռնել, բայց ցած էր կախվում, կառչում օդից։ Ծիծաղը գնալով ավելի սաստկացավ։ Կատուն վեց դյույմ էր հեռու իր գործով տարված ուսուցչի գլխից։ Ցած, ցած, մի քիչ էլ, և կատուն հուսահատ ճանկերը խրեց ուսուցչի կեղծամի մեջ, կառչեց և իր ավարի հետ մի ակնթարթում քաշվեց վերև, առաստաղի ճեղքից դուրս։ Եվ ինչպես էր լույսը փայլեցնում ուսուցչի ճաղատ գլուխը․ ցուցանակ գրողի տղան ոսկեգույն էր ներկել այն։
Դրանով էլ ավարտվեց երեկոն։ Տղաների վրեժը լուծված էր։ Արձակուրդներն սկսվեցին։
Գլուխ XXIII
Թոմը միացավ «պատանի ժուժկալների» միությանը՝ գայթակղված նրանց փայլուն զարդանշանով։ Խոստացավ չծխել, ծխախոտ չծամել և սրբապղծություն չանել, քանի դեռ անդամ է։ Իսկույն նոր հայտնագործություն կատարեց․ այն է՝ մի բան չանելու խոստումը աշխարհում ամենա ապահով միջոցն է, որ մարդ ուզի հենց այդ բանը անել։ Շուտով Թոմն զգաց, որ տանջվում է խմելու և հայհոյելու ցանկությունից։ Ցանկությունն այնքան ուժեղացավ, որ միայն կարմիր փողկապով երևալու հեռանկարն էր նրան ետ պահում ընկերությունից դուրս գալու մտքից։ Հուլիսի չորսը մոտենում էր, բայց շուտով նա հոգնեց այդ տոնին սպասելուց, հոգնեց իր նշանը օգտագործելու ժամկետից քառասունութ ժամ առաջ և հույսը դրեց ծեր դատավոր Ֆրեյզըրի վրա, խաղաղության պաշտպանի, որը հավանաբար իր մահվան մահճումն էր և հասարակական մեծ թաղում պետք է լիներ, քանի որ նա այդքան բարձր պաշտոնյա էր։ Ամբողջ երեք օր Թոմը խիստ հետաքրքրվում էր դատավորի վիճակով և ծարավ էր այդ նյութի շուրջը եղած որևէ նորության։ Երբեմն այնքան էր հուսադրվում, որ դուրս էր բերում իր բոլոր զարդանշանները և հայելու առաջ փորձում։ Բայց դատավորի վրա հույս դնելը շատ անհուսալի բան դուրս եկավ։ Ի վերջո հայտարարվեց, որ դրությունը փոխվում է, իսկ ավելի ուշ, որ առողջանում է։ Թոմը զզվեց ու միաժամանակ իրեն վիրավորված զգաց։ Նա անմիջապես հրաժարական տվեց։ Այդ գիշեր դատավորը մի նոր նոպա ունեցավ ու մահացավ։ Թոմը որոշեց, նման մարդկանց այլևս չհավատալ։ Թաղումը հրաշալի անցավ․ «պատանի ժուժկալները» այնպես տողանցեցին, որ կարծես ուզում էին նախանձից սպանել նախկին անդամին։
Բայց այնուամենայնիվ Թոմը նորից ազատ տղա էր։ Դա մի բան նշանակում էր։ Նա կարող էր խմել և հայհոյել, բայց ի զարմանս իրեն, տեսավ, որ արդեն չի ուզում։ Այն մտքից, որ կարող է, չքացավ ամեն մի ցանկություն ու հետաքրքրություն։
Այժմ Թոմը զարմանում էր՝ գլխի ընկնելով, որ այնքան ցանկալի արձակուրդը ճնշում է և ձանձրացնում։
Նա փորձեց օրագիր պահել, բայց հաջորդ երեք օրվա ընթացքում ոչ մի դեպք չպատահեց, և նա թողեց այդ մտադրությունը։
Ի վերջո քաղաք եկավ նեգրական մի նվագախումբ և մեծ տպավորություն գործեց։ Թոմն ու Ջո Հարպըրը նույնպես կազմակերպեցին նվագողների մի խումբ և երկու օր ուրախացան։
Նույնիսկ հուլիսի չորսի տոնը մի տեսակ ձախողում էր, որովհետև սաստիկ անձրև եկավ, և, հետևաբար, տոնակատարություն տեղի չունեցավ։ Եվ աշխարհի ամենամեծ մարդը (ինչպես կարծում էր Թոմը), միստր Բենտոնը, Միացյալ Նահանգների մի իսկական սենատոր, իսկական հիասթափություն պատճառեց, որովհետև քսանհինգ ոտնաչափից ավելի բարձր հասակ չուներ, ոչ էլ այդ չափին էր մոտենում։
Եկավ կրկեսը։ Դրանից հետո տղաները երեք օր հնացած կարպետներից սարքված վրանների տակ կրկես֊կրկես խաղացին՝ մուտքը տղաների համար երեք գնդասեղ, աղջիկների համար՝ երկու։ Հետո կրկեսը թողնվեց երեսի վրա։
Մի գանգաբան և մի հիպնոսող եկան․․․ և գնացին՝ քաղաքը թողնելով առաջվանից ավելի տափակ ու ձանձրալի վիճակում։
Տղաների և աղջիկների մի քանի երեկույթ տեղի ունեցավ, բայց դրանք այնքան քիչ էին և այնքան հրաշալի, որ ավելի ծանր էին դարձնում մնացած ժամանակը։
Բեքի Թեչըրը գնացել էր Կոստանդնուպոլսում գտնվող իրենց տունը՝ արձակուրդները ծնողների հետ անցկացնելու։ Կյանքում ոչ մի լուսավոր տեղ չմնաց։
Սպանության տարօրինակ գաղտնիքը մի խրոնիկ դժբախտություն էր տևականության իմաստով և ցավ պատճառելու տեսակետից պարզապես իսկական քաղցկեղ էր։
Հետո Թոմը քութեշով հիվանդացավ։
Ամբողջ երկու շաբաթ Թոմը պառկեց բանտարկյալի պես աշխարհի և նրա իրադարձությունների համար մահացած։ Նա շատ ծանր հիվանդ էր և ոչ մի բանով չէր հետաքրքրվում։ Երբ ի վերջո ոտքի կանգնեց ու թուլացած քայլեց քաղաքի փողոցներով, մի թախծոտ փոփոխություն էր իջել ամեն ինչի և ամեն մարդու վրա, մի «զարթոնք» էր տեղի ունեցել և բոլորը «կրոնասեր» էին դարձել, ոչ միայն չափահասները, այլ նույնիսկ տղաներն ու աղջիկները։ Թոմը շրջում էր, անհուսորեն հուսալով հանդիպել մի օրհնված մեղավոր դեմքի, բայց ամեն տեղ հիասթափության էր հանդիպում։ Նա Ջո Հարպըրին գտավ մի Կտակարան ուսումնասիրելիս և տխուր հեռացավ այդ տխուր տեսարանից։ Նա Բեն Ռոջերսին փնտրեց և գտավ այն պահին, երբ տղան աղքատներին մի տասնյակ հոգևոր բրոշյուրներ էր բաժանում։ Թոմը որսաց Ջիմ Հոլիսին, որ նրա ուշադրությունը հրավիրեց վերջին հիվանդության վրա, այն համարելով թանկագին օրհնություն՝ ուղարկված որպես նախազգուշացում։ Հանդիպած յուրաքանչյուր տղա ավելացրեց Թոմի ճնշվածությունը, և երբ նա հուսահատ, որպես վերջին ապաստարան, վազեց Հեքլբերի Ֆինի մոտ ու ընդունվեց ավետարանից վերցված մի մեջբերումով, տղայի սիրտը կոտրվեց։ Նա վերադարձավ տուն՝ իր անկողինը, գիտակցելով, որ քաղաքից միայն ինքը կորած էր ընդմիշտ, հավիտյան։
Այդ գիշեր մի սարսափելի փոթորիկ բարձրացավ՝ քամախառն անձրևով, սարսափելի որոտով և կուրացնող կայծակով։
Թոմը գլուխը ծածկեց վերմակով ու սարսափով սպասեց իր վախճանին․ կասկածի նշույլ անգամ չուներ, որ այդ ամբողջ իրարանցումն իր համար է։ Նա հավատում էր, որ երկնքում իշխող ուժերի համբերությունը ծայր աստիճան շահագործել էր, և այս բոլորը դրա արդյունքն էր։ Նրան կարող էր թվալ, թե միջատ սպանելու համար այդքան հանդիսավորություն և ռազմամթերք պետք չեն, բայց անհավանական ոչինչ չգտավ, որ իր նման միջատը ոչնչացնելու համար այդքան թանկարժեք փոթորիկ բարձրացվի։
Փոթորիկը դանդաղ սպառվեց և անցավ առանց իրագործելու իր նպատակը։ Տղայի առաջին միտքը եղավ շնորհակալ լինել և փոխվել։ Երկրորդ մտածումը՝ սպասել, որովհետև կարող էր երկրորդ փոթորիկը չլինել։
Հաջորդ օրը նորից բժիշկ կանչեցին։ Թոմի վիճակը նորից էր ծանրացել։ Այս անգամ մեջքի վրա անցկացրաց երեք շաբաթը նրան մի դար թվաց։ Ի վերջո, երբ առողջացավ ու դուրս եկավ, նա հազիվ կարող էր շնորհակալ լինել, որ աստված իրեն խնայեց, իմանալով, թե ինչպես մենակ էր լինելու, առանց ընկերների և բարեկամների։ Նա անտարբեր քայլեց փողոցով ու գտավ Ջիմ Հոլսին, որ դատավոր էր դարձել և դատում էր մի կատվի՝ սպանության համար, զոհի ներկայությամբ, որը մի թռչուն էր։ Նա Ջո Հարպըրին և Հեք Ֆինին գտավ մի փողոցում գողացած սեխ ուտելիս։ Խեղճ երեխաներ, նրանք էլ Թոմի նման նորից մոլորվել էին։
Գլուխ XXIV
Ի վերջո քնած շրջապատը, այն էլ հախուռն թափով, արթնացավ․ որոշվեց մարդասպանության դատի օրը։ Դա անմիջապես դարձավ քաղաքի խոսակցության գլխավոր թեման։ Թոմը դրանից խուսափել չէր կարող։ Սպանության մասին ամեն մի ակնարկ լսելիս նրա սիրտը ճմլվում էր, որովհետև անհանգիստ խիղճը և վախը տղային համարյա համոզում էին, թե այդ ակնարկները արվում են իր ականջի տակ «հատուկ նպատակով»։ Նա չէր հասկանում՝ ինչու պիտի կասկածեին, թե ինքը սպանության մասին որևէ բան գիտի, բայց դարձյալ չէր կարողանում հանգիստ մնալ այդ զրույցները լսելիս։ Անընդհատ ահուդողի մեջ էր նա։ Նա Հեքին տարավ մի առանձին տեղ՝ հետը խոսելու։ Սիրտը մի ուրիշի մոտ բացելը, ծանր ապրումները մի ուրիշ տառապողի հետ կիսելը թեթևություն կլիներ։ Ավելին, նա ուզում էր հավաստիանալ, թե Հեքը գաղտնապա՞հ է մնացել։
― Հեք, դու երբևէ որևէ մեկին ասե՞լ ես այդ մասին։
― Ինչի՞ մասին։
― Ինքդ լավ գիտես։
― Օ՜հ, իհարկե ոչ։
― Ոչ մի խո՞սք։
― Ոչ մի խոսք․ հավատա։ Ինչո՞ւ ես հարցնում։
― Հենց այնպես․ վախենում էի։
― Ի՞նչ ես ասում, Թոմ, մենք երկու օր էլ ողջ չենք մնա, եթե իմացվի։ Դու այդ գիտես։
Թոմն իրեն ավելի հանգիստ զգաց։ Մի քիչ լռելուց հետո ասաց․
― Հեք, ոչ ոք չի կարող քեզ ստիպել, որ ասես, չէ՞։
― Ինձ ստիպե՞լ։ Եթե ուզենամ, որ այդ խառնածինն ինձ խեղդի, կարող են ստիպել։ Ուրիշ ճանապարհ չկա։
― Դե, ուրեմն՝ լավ է։ Ես կարծում եմ, որ մենք ապահով ենք այնքան ժամանակ, քանի դեռ լուռումունջ ենք։ Բայց բոլոր դեպքերում եկ նորից երդվենք։ Ավելի ապահով կլինենք։
― Համաձայն եմ։
Նրանք նորից երդվեցին պատշաճ լրջությամբ։
― Իսկ ո՞ւմ մասին են խոսում, Հեք։ Ես այնքան բաներ եմ լսում։
― Ո՞ւմ մասին։ Դե, Մըֆ Պոտերի։ Մըֆ Պոտեր, Մըֆ Պոտեր, միշտ Մըֆ Պոտեր։ Քրտինքը միշտ վրա է տալիս և ուզում եմ մի տեղ թաքնվել։
― Ճիշտ նույն բանն էլ ինձ հետ է պատահում։ Կարծում եմ, որ նա կորած է։ Մեկ֊մեկ չե՞ս խղճում նրան։
― Համարյա միշտ․․․ համարյա միշտ։ Նա ոչ մի մեղք չունի, ոչ ոքի էլ վատություն չի արել։ Մեկ֊մեկ ձուկ էր որսում, որ մի քիչ փող ունենար ու խմեր։ Ավելի շատ անգործ ման էր գալիս, բայց, տեր աստված, մենք բոլորս նրա պես ենք վարվում, առնվազն մեզնից շատերը, օրինակ, քարոզիչները և նրա նմանները։ Բայց նա բարի էր, անգամ ինձ մի կես ձուկ տվեց, երբ երկու հոգու բաժին էլ չուներ։ Նա ինձ շատ անգամ է օգնել, երբ փորձանքի մեջ եմ ընկել։
― Նա իմ կարթերն է նորոգել, Հեք, և կարթեր է դրել իմ ձողին։ Կուզենայի, որ կարողանայինք նրան ազատել։
― Ի՞նչ ես ասում․ ազատել չենք կարող, Թոմ։ Բացի դրանից, դա ոչ մի օգուտ չի տա․ նրան նորից կբռնեն։
― Այո, այդպես էլ կլինի։ Բայց տանել չեմ կարողանում, երբ նրան հայհոյում են մի բանի համար, որ չի արել։
― Ես էլ, Թոմ․․․ Աստված իմ, ինքս էլ եմ լսել։ Ասում են, թե նա իբր ամենաարյունռուշտ սրիկան է այս ամբողջ երկրում և զարմանում են, թե ինչո՞ւ մինչև այսօր չեն կախել նրան։
― Այո, միշտ այդպես են խոսում։ Լսել եմ, ասում են, որ եթե ազատ արձակվի, պիտի լինչի ենթարկեն։
― Այդպես էլ կանեն։
Տղաները երկար խոսեցին, բայց դա շատ քիչ հանգստացրեց նրանց։ Երբ մթնշաղն իջավ, սկսեցին թրև գալ առանձնացած փոքր բանտի շուրջը, այն անորոշ հույսով, թե գուցե մի բան պատահի և վերացնի իրենց դժվարությունները։ Բայց ոչինչ չպատահեց։ Կարծես այս անբախտ կալանավորով չէին հետաքրքրվում ոչ հրեշտակները, ոչ էլ հավերժահարսները։
Տղաներն արեցին այն, ինչ հաճախ արել էին։ Մոտեցան խցին, ողջունեցին Պոտերին և մի քիչ ծխախոտ ու լուցկի տվեցին։ Նա գետնահարկում էր, և պահակներ չկային։
Այդ նվերների համար հայտնած նրա շնորհակալությունը առաջներում միշտ տանջում էր նրանց խիղճը։ Այս անգամ ավելի խորն ազդեց։ Նրանք իրենց վերին աստիճանի վախկոտ և դավաճան զգացին, երբ Պոտերն ասաց․
― Դուք իմ նկատմամբ շատ բարի եք, տղաներ, ավելի բարի, քան այս քաղաքում որևէ մեկը։ Եվ ես այդ բանը չեմ մոռանա։ Երբեք։ Հաճախ ինքս ինձ ասում եմ․ «Միշտ նորոգում էի բոլոր տղաների օդապարիկները և ուրիշ բաներ, ցույց էի տալիս, թե որտեղ կարելի է լավ ձուկ որսալ և օգնում էի նրանց ինչով կարող էի, իսկ այժմ բոլորը մոռացել են խեղճ Մըֆին, երբ նա փորձանքի մեջ է, բայց Թոմը չի մոռանում, Հեքը չի մոռանում։ Նրանք ինձ չեն մոռանում։ Այո՛, տղաներ, ես սարսափելի բան եմ արել․ խմած և խենթ եմ եղել այդ ժամանակ։ Միայն դրանով կարող եմ բացատրել և այժմ դրա համար ինձ կախելու են։ Եվ դա արդարացի է։ Արդար և լավագույն պատիժ։ Ես այդպես եմ կարծում, բոլոր դեպքերում այդպես եմ կարծում։ Լավ, այլևս դրա մասին չխոսենք։ Ես չեմ ուզում, որ դուք ձեզ վատ զգաք։ Դուք իմ բարեկամներն եք։ Բայց ահա թե ինչ եմ ուզում ասել․ երբեք մի հարբեք։ Այդ դեպքում երբեք այստեղ չեք գա։ Մի քիչ դեպի արևմուտք կանգնեք․ այդպես, երբ մարդ այսպիսի փորձանքի մեջ է, ամենամեծ մխիթարանքը բարեկամի երես տեսնելն է, իսկ բացի ձեզնից ոչ ոք այստեղ չի գալիս։ Բարեկամի բարի դեմքը։ Մեկդ մյուսի մեջքի վրա բարձրացեք, որ ձեռքս դիպչի ձեզ։ Այ, այդպես։ Իրար ձեռք սեղմենք։ Ձեր ձեռքերը ճաղերի միջով կանցնեն, իսկ իմ ձեռքերը շատ խոշոր են։ Փոքր ձեռքեր, թույլ, բայց դրանք շատ են օգնել Մըֆ Պոտերին և ավելի կօգնեն, եթե կարողանան։
Թոմը տուն գնաց դժբախտ և նրա այդ գիշերվա երազները լիքն էին սարսափով։ Հաջորդ օրը և մյուս օրը նա թափառեց դատարանի շուրջը, հալածված համարյա անդիմադրելի մի ուժից, որ ներս գնա, բայց իրեն ստիպում էր մնալ դրսում։ Նույն փորձության մեջ էր նաև Հեքը։ Նրանք իրարից խուսափում էին։ Ժամանակ առ ժամանակ իրարից հեռանում էին, բայց նույն ձգող ուժը նորից ետ էր բերում։ Թոմը ականջները սրում էր, երբ մեկը դուրս էր գալիս դահլիճից, բայց միշտ անմխիթար լուրեր էր լսում։ Ցանցերն ավելի և ավելի էին փակվում խեղճ Պոտերի շուրջը։ Երկրորդ օրվա վերջում քաղաքը խոսում էր, թե Հնդկացի Ջոյի վկայությունը հաստատ էր և անհերքելի։ Ոչ մի կասկած չկար, թե ինչ է լինելու դատարանի վճիռը։
Թոմն այդ գիշեր ուշ տուն վերադարձավ և լուսամուտից ներս մտավ։ Նա սաստիկ հուզված էր։ Ամբողջ ժամեր չէր կարողանում քնել։ Հաջորդ առավոտ ամբողջ քաղաքը խմբված էր դատարանի առջև, որովհետև դա դատավճռի օրն էր լինելու։ Տղամարդիկ և կանայք հավասարապես ներկայացված էին լեփ֊լեցուն դահլիճում։ Երկար սպասումից հետո բերին շղթայված, դժգույն ու շփոթված, միամիտ ու անօգնական Պոտերին և նստեցրին մի տեղ, որ բոլոր հետաքրքրվողները կարողանան տեսնել։ Պակաս հետաքրքիր չէր Հնդկացի Ջոն։ Նա անվրդով էր, ինչպես միշտ։ Մի ուրիշ դադար եղավ, հետո եկավ դատավորը, և շերիֆը նիստը հայտարարեց բացված։ Դրան հետևեց իրավաբանների սովորական շշնջոցը և թղթեր հավաքելը։ Այս մանրամասները և դրանց ուղեկցող ուշացումները ստեղծեցին սպասողական մի մթնոլորտ, որը որքան ազդեցիկ, նույնքան էլ գրավիչ էր։
Մի վկա կանչվեց, որ հաստատեց, թե ինքը տեսել է Մըֆին աղբյուրի մոտ լվացվելիս, առավոտ կանուխ, սպանության հայտնաբերման օրը, և թե մարդասպանն անմիջապես փախել է։ Մի քանի հարց տալուց հետո դատախազն ասաց պաշտպանին․
― Կարող եք հարցաքննել։
Բանտարկյալը մի պահ աչքերը բարձրացրեց, բայց նորից խոնարհեց, երբ պաշտպանն ասաց․
― Հարցեր չունեմ։
Հաջորդ վկան հաստատեց դանակի գտնվելը դիակի մոտ։ Դատախազն ասաց․
― Կարող եք հարցեր տալ։
― Հարցեր չունեմ, ― պատասխանեց Պոտերի իրավաբանը։
Երրորդ վկան երդվեց, որ նա հաճախ է Պոտերի մոտ տեսել այդ դանակը։
― Կարող եք հարցեր տալ։
Պոտերի դատապաշտպանը հրաժարվեց վկային հարցաքննելուց։
Ունկնդիրների դեմքերը սկսեցին ձանձրույթ արտահայտել։ Մի՞թե այս դատապաշտպանը նպատակ ուներ իր հովանավորյալի կյանքը զոհել առանց պաշտպանության փորձ կատարելու։
Բազմաթիվ վկաներ խոսեցին Պոտերի վարմունքի մասին, երբ սպանության վայրն էր տարվել։ Նրանք իրենց տեղն էին վերադառնում առանց խաչաձև հարցադրման։
Գերեզմանատան դեպքի հաջորդ առավոտյան կատարված յուրաքանչյուր մանրամասնություն, որը բոլոր ներկաները շատ լավ հիշում էին, կրկնեցին վստահելի վկաները, բայց նրանցից ոչ մեկին խաչաձև հարցաքննության չենթարկեց Պոտերի փաստաբանը։ Սրահի զարմանքն ու դժգոհությունը արտահայտվեց շշնջոցով և դրա համար դատարանից նկատողություն ստացավ։ Դատախազն ասաց․
― Քաղաքացիների երդումով, որոնց պարզ խոսքը կասկածից վեր է, այդ սարսափելի ոճիրը անկասկածելիորեն մենք դնում ենք այս դժբախտ բանտարկյալի վրա։ Մենք կարծում ենք, որ ամբաստանությունը հաստատված է։
Խեղճ Պոտերից մի հառաչ դուրս եկավ, և նա դեմքը ձեռքերի վրա դրեց ու մարմինը մեղմորեն օրորեց, մինչ դատարանի դահլիճում տիրեց ցավալի լռություն։ Բազմաթիվ տղամարդիկ հուզված էին, և շատ կանայք իրենց խղճահարությունը արցունքներով արտահայտեցին։ Պաշտպանը վեր կացավ և ասաց․
― Նորին մեծապատվություն, ինչպես դատավարության սկզբում մենք ցույց տվեցինք, մեր նպատակն էր ապացուցել, որ մեր պաշտպանյալն այս սարսափելի արարքը գործել է խմիչքի ազդեցությամբ առաջացած կույր և անպատասխանատու վիճակում։ Այժմ մենք փոխել ենք մեր միտքը․ մենք այդ խնդրանքը չենք ներկայացնում (հետո քարտուղարին): Կանչեցեք Թոմաս Սոյերին։ Դահլիճում գտնվող բոլոր մարդկանց դեմքերը, նույնիսկ Պոտերի՝ զարմանք արտահայտեցին։ Յուրաքանչյուր աչք զարմացած հետաքրքրությամբ ուղղվեց Թոմի վրա, երբ նա տեղ գրավեց վկայի աթոռին։ Տղան բավական շփոթված էր, որովհետև սարսափելի վախենում էր։ Երդման գործողությունը տեղի ունեցավ։
― Թոմաս Սոյեր, որտե՞ղ էիք դուք հունիսի տասնյոթին, մոտավորապես կեսգիշերվա ժամին։
Թոմը նայեց Հնդկացի Ջոյի երկաթե դեմքին, և լեզուն դավաճանեց նրան։ Ունկնդիրները առանց շնչելու լսում էին, բայց բառերը հրաժարվում էին դուրս գալ։ Մի քանի վարկյան հետո, ի վերջո, տղան մի փոքր վերագտավ իր ուժը և կարողացավ բավարար չափով ուժ հաղորդել ձայնին, որպեսզի դահլիճի մի մասը լսի։
― Գերեզմանատանը։
― Մի քիչ ավելի բարձր, խնդրում եմ։ Մի վախեցեք։ Դուք գտնվում էիք․․․
― Գերեզմանատանը։
Արհամարանքի մի ժպիտ անցավ Հնդկացի Ջոյի դեմքի վրայով։
― Արդոք դուք Հորս Ուիլյամսի գերեզմանի մոտերքո՞ւմ էիք։
― Այնքան, ինչքան ձեզ եմ մոտ։
― Թաքնվա՞ծ էիք, թե ոչ։
― Թաքնված էի։
― Որտե՞ղ։
― Ծփիների ետևում, որ գերեզմանի ծայրին են։
Հնդկացի Ջոն հազիվ ու աննկատելի ցնցվեց։
― Քեզ հետ որևէ մեկը կա՞ր։
― Այո, սըր, ես անտեղ գնացի․․․
― Սպասեք, մի րոպե սպասեք, կարևոր չէ հիշել ձեր ընկերոջ անունը, մենք այն կհարցնենք երբ հարկ լինի։ Այնտեղ որևէ բան տարա՞ք ձեզ հետ։
Թոմը տատանվեց և նայեց շփոթված։
― Խոսիր, տղաս, մի վախեցիր։ Ճշմարտությունը միշտ հարգելի է։ Ի՞նչ էիք տարել այնտեղ։
― Միայն մի․․․ մի․․․ սատկած կատու։
Դահլիճով ծիծաղ անցավ․ նախագահը զսպեց ծիծաղը։
― Մենք ի հայտ կբերենք կատվի կմախքը։ Այժմ, տղաս, ասա մեզ ինչ որ պատահեց, պատմիր քո ձևով, ոչ մի բան մի թաքցնի և մի վախենա։
Թոմը սկսեց վարանելով, բայց իր թեմայով տաքացավ, և բառերը հոսեցին գնալով ավելի հեշտությամբ։ Շուտով ամեն աղմուկ դադարեց, բացի նրա ձայնից, և շունչները կտրած ունկնդիրները, այդ պատմությամբ հափշտակված, կախվեցին նրա բառերից, առանց ուշադրություն դարձնելու ժամանակին։ Հուզումը իր գագթնակետին հասավ, երբ տղան ասաց․
― Եվ երբ բժիշկը տախտակով խփեց, և Մըֆ Պոտերն ընկավ, Հնդկացի Ջոն վեր թռավ և դանակով․․․
Թրախկ․ կայծակի արագությամբ խառնածինը դեպի լուսամուտը նետվեց, բոլոր դիմադրողների միջով ճանապարհ բացեց և չքացավ։
Գլուխ XXV
Թոմը մի անգամ ևս դարձավ հռչակավոր հերոս, մեծահասակների սիրելին և երիտասարդների նախանձի առարկան։ Նրա անունը նույնիսկ անմահացավ մամուլում, որովհետև տեղական թերթը հռչակեց այն։ Կային մարդիկ, որ հավատում էին, թե նա պրեզիդենտ կդառնա, եթե, անշուշտ, մինչ այդ, կախվելուց խուսափի։
Ինչպես սովորաբար լինում է, դյուրահավատ, չտրամաբանող մարդիկ Մըֆ Պոտերին գրկաբաց ընդունեցին և մեծ խնամք ցուցաբերեցին, որը առաջներում մերժում էին։ Բայց այդպիսի վերաբերմունքը պատիվ է բերում հասարակությանը այնպես, որ դրա համար պետք չէ դատապարտել նրան։
Թոմի ցերեկները փառքի ու ցնծության մեջ էին անցնում, բայց գիշերները սարսափով էին լցվում։ Հնդկացի Ջոն թունավորում էր նրա բոլոր երազները և միշտ վրեժխնդիր աչքերով էր հայտնվում։ Հազիվ թե որևէ բան համոզեր տղային, որ մութն ընկնելուց հետո դրսում մնար։ Խեղճ Հեքը նույն անհանգիստ և սարսափահար վիճակումն էր, որովհետև Թոմը իրավաբանին ասել էր ամբողջ պատմությունը դատավարության մեծ օրվան նախորդող գիշերը, և Հեքը սաստիկ վախենում էր, թե այդ գործում իր ունեցած բաժինը կարող էր դեռևս բացահայտվել, հակառակ այն բանի, որ Հնդկացի Ջոյի փախուստը փրկել էր նրան դատարանում վկայություն տալու տառապանքից։ Իրավաբանը խեղճ տղային խոստացել էր գաղտնիքը պահել, բայց հետո՞ ինչ, երբ Թոմի տանջված խիղճը կարողացավ գիշերով նրան քշել դեպի իրավաբանի տունը և ստիպեց ամենասարսափելի երդումով կնքված շուրթերը բացել տալ, Հեքի վստահությունը մարդկային ցեղի նկատմամբ մեծ չափով նվազել էր։ Ցերեկները Մըֆ Պոտերի շնորհակալությունը Թոմին ուրախացնում էր, բայց գիշերները նա ցանկանում էր լեզուն պահած լինել։ Որոշ ժամանակ վախենում էր, թե Հնդկացի Ջոյին չեն կարող ձերբակալել, որոշ ժամանակ էլ վախենում էր, թե կբռնեն։ Նա վստահ էր, որ ազատ շունչ կքաշեր միայն այն ժամանակ, երբ այդ մարդը մահանար, և ինքն այդ դիակը տեսներ։
Պարգևներ խոստացվեցին, ամբողջ շրջանում փնտրեցին, բայց ոչ մի Հնդկացի Ջո չգտնվեց։ Սենտ֊Լուիսից բերել տվեցին ամենատես և ամեն ինչ գտնող հրաշքներից մեկին, խուզարկու ոստիկանին, որը այս ու այն կողմ ընկավ, գլուխն օրորեց, խելոք ձևացավ և հասավ զարմանալի հաջողության, որ նրա արհեստի մարդիկ սովորաբար հասնում են։ Այսինքն «հետքեր գտավ»։ Բայց հո չես կարող «հետքերը» կախել որպես մարդասպան․ և խուզարկուի վերադառնալուց հետո Թոմն իրեն նույնքան անապահով զգաց, ինչպես առաջ։
Օրերը դանդաղ առաջ շարժվեցին, և անցնող յուրաքանչյուր օրը թեթևացրեց տղաների մտահոգության մի մասը։
Գլուխ XXVI
Յուրաքանչյուր նորմալ տղայի կյանքում գալիս է մի ժամանակ, երբ նա անդիմադրելի ցանկություն է ունենում մի տեղ գնալու և թաղված մի գանձ փնտրել֊գտնելու։ Այդ ցանկությունը մի օր հանկարծակի տիրեց Թոմին։ Նա գնաց Ջո Հարպըրին գտնելու, բայց ձախողվեց։ Որոնեց Բեն Ռոջերսին։ Սա էլ ձկնորսության էր գնացել։ Հանկարծ հանդիպեց Հեք Ֆինին՝ Արյունոտ Ձեռքին։ Հեքը կհամաձայներ։ Թոմը նրան մի առանձին տեղ տարավ և գաղտնորեն խնդիրը բացեց նրա առաջ։ Հեքը համաձայնեց։ Նա միշտ ուզում էր մասնակցել որևէ ձեռնարկի, եթե դա զվարճություն էր խոստանում և դրամ չէր պահանջում։ Տղան այնքան անսահմանափակ ժամանակ ուներ, որ կարող էր ասել, թե ժամանակը ոսկի չէ։
― Որտե՞ղ փնտրենք ― ասաց Հեքը։
― Էհ, համարյա ամեն տեղ։
― Ինչո՞ւ, մի՞թե ամեն տեղ էլ պահված է։
― Ոչ, իհարկե, ոչ։ Գանձը պահված է շատ հատուկ տեղերում, Հեք, երբեմն կղզիներում, երբեմն որդերի կեր դարձաց սնդուկներում, ինչ֊որ փտած ծառի տակ, որտեղ կես գիշերին է ստվեր ընկնում, բայց հաճախ էլ ուրվականներով լիքը տների տախտակամածի տակ։
― Ո՞վ է պահում դրանք։
― Իհարկե, ավազակները։ Հապա ո՞վ։ Կիրակնօրյա դպրոցների վերակացունե՞րը։
― Չգիտեմ։ Եթե իմը լիներ, ես չէի թաքցնի։ Կծախսեի և լավ ժամանակ կանցկացնեի։
― Ես էլ, բայց գողերն այդպես չեն վարվում, նրանք միշտ թաքցնում են, ինչ֊որ տեղ թաղում։
― Հետո չե՞ն գալիս տանելու։
― Ոչ․ նրանք մտադրվում են գալ, բայց ընդհանրապես մոռանում են նշանները կամ մահանում են։ Բոլոր դեպքերում, գանձն այնտեղ երկար ժամանակ մնում է, որտեղ դրված է լինում, թե ինչպես պետք է նշանները հայտնաբերել։ Այդ թուղթն էլ պետք է մի ամբողջ շաբաթ վերծանես, որովհետև նշաններ և հիերոգլիֆներ են լինում վրան։
― Հետո՞․․․ ինչ․․․
― Հիերոգլիֆներ, պատկերներ և նման բառեր, հասկանո՞մ ես, այնպիսի նշաններ, որոնք կարծես ոչինչ չեն նշանակում։
― Այդպիսի թղթերից որևէ մեկը ունե՞ս, Թոմ։
― Ոչ։
― Հապա ինչպե՞ս պիտի գտնես նշանները։
― Ինձ նշաններ պետք չեն։ Գանձը միշտ թաղում են ուրվականներով լցված տներում կամ կղզում, կամ հնամենի մի ծառի տակ, որի մի ճյուղը ջարդված ու չորացած է լինում։ Հիշո՞ւմ ես, Ջեկսոնի կղզում մենք մի քիչ փորձեցինք և կարող ենք մի օր նորից փորձել։ Գետի մյուս կողմում կա մի հին, ուրվականներով լիքը տուն, որտեղ բազմաթիվ չորացած ճյուղերով ծառեր կան։
― Բոլորի տակ էլ գա՞նձ կա։
― Ի՞նչ ես ասում, ոչ։
― Հապա ինչի՞ց պիտի իմանաս, թե որ մեկի տակն է։
― Բոլորի տակն էլ կնայենք։
― Է՜, Թոմ, ամբողջ ամառը ստիպված կլինենք փորել։
― Հետո՞ ինչ։ Պատկերացրու, որ գտնենք պղնձե մի կաթսա, մեջը հարյուր ժանգոտած դոլար, կամ փտած մի սնդուկ՝ գոհարներով լեցուն։ Ի՞նչ կասես դրան։
Հեքի աչքերը փայլեցին։
― Դա հրաշալի է, ինձ համար հրաշալի է։ Հարյուր դոլարը ինձ տուր, և ես գոհարները չեմ ուզում։
― Շատ լավ, բայց ես վստահ եմ, որ դու գահարները չես գցի։ Դրանցից մի քանիսը քսան դոլար կարժենան։
― Մի՞թե, մի՞թե այդպես է։
― Ինչ խոսք, ում ուզում ես հարցրու։ Երբեք գոհար չե՞ս տեսել, Հեք։
― Ոչ, ինչքան հիշում եմ։
― Թագավորները գահարի սարեր ունեն։
― Ես ոչ մի թագավորի չեմ ճանաչում, Թոմ։
― Վստահ եմ, որ ոչ, բայց եթե Եվրոպա գնաս, ինչքան ասես կտեսնես։ Չորս կողմը թագավորներ են։
― Թռվռո՞ւմ են։
― Թռվռո՞ւմ։ Գիժ, ինչո՞ւ պիտի թռվռան։
― Մի՞թե դու չասացիր, թե թռվռում են։
― Հիմարություն։ Ես պարզապես ուզեցի ասել, թե կտեսնենս դրանց, իհարկե, ոչ թռվռալիս։ ― Ինչո՞ւ պիտի թռվռան։ Ես պարզապես ուզեցի ասել, որ նրանցից շատերին կտեսնես առհասարակ։ Օրինակ, այդ սապատավոր Ռիչարդին։
― Ռիչա՞րդ․ ի՞նչ է նրա ազգանունը։
― Նա ազգանուն չուներ։ Թագավորները միայն անուն են ունենում։
― Ճի՞շտ։
― Չեն ունենում։
― Եթե այդ նրանց դուր է գալիս, շատ լավ, բայց ես չեմ ուզում թագավոր լինել և միայն անուն ունենալ, ինչպես նեգրերը։ Բայց լսիր․ ամենից առաջ որտե՞ղ ես փնտրելու։
― Չգիտեմ։ Գետի մյուս կողմի բլրի ծերացած ծառի մոտից չսկսե՞նք։
― Համաձայն եմ։
Նրանք մի հին քլունգ ու մի բահ վերցրին և ճանապարհ ընկան դեպի երեք մղոն հեռվում գտնվող իրենց նպատակը։ Տեղ հասան կարմրած, հոգնած, մոտակա մի ծփենու տակ պառկեցին հանգստանալու ու ծխելու։
― Ինձ սա դուր է գալիս, ― ասաց Թոմը։
― Ինձ էլ։
― Լսիր, Հեք, եթե այստեղ գանձ գտնենք, ի՞նչ կանես քո բաժնով։
― Ե՞ս, դե, ամեն օր մսով կարկանդակ կուտեմ և սոդաջուր կխմեմ․ կգնամ քաղաք եկող կրկեսի բոլոր ներկայացումներին։ Գրազ կգամ, որ շատ ուրախ ժամանակ կանցկացնեմ։
― Դրա մի մասը չե՞ս պահելու։
― Պահե՞լ, ինչո՞ւ։
― Որպեսզի հետո դրանով ապրես։
― Դա ավելորդ բան է։ Որտեղ որ է հայրս կվերադառնա և թաթը վրան կդնի, եթե ես չշտապեմ ծախսել։ Կարող եմ քեզ վստահեցնել, որ նա շատ արագ կմսխի։ Դու քո բաժինը ի՞նչ ես անելու, Թոմ։
― Ես մի նոր թմբուկ կգնեմ, անպայման մի սուր և մի կարմիր փողկապ, մի շան լակոտ ու կամուսնանամ։
― Կամուսնանա՞ս։
― Այո։
― Թոմ, դու հո խելքդ չե՞ս կորցրել։
― Սպասիր և կտեսնես։
― Բայց դա ամենահիմար բանն է, որ դու կարող ես անել, Թոմ։ Այ, օրինակ, իմ հայրն ու մայրը։ Կռիվ, կռիվ․ ամեն օր կռվում էին։ Հիշում եմ, շատ լավ հիշում եմ։
― Դա ոչինչ չի նշանակում։ Այն աղջիկը, որի հետ ես պիտի ամուսնանամ, չի կռվի։
― Թոմ, ես կարծում եմ, որ բոլորը իրար նման են։ Բոլորը նույն միսն ու արյունն են։ Ավելի լավ է, որ այդ մասին որոշ ժամանակ մտածես։ Ես քեզ ասում եմ, մտածիր։ Ի՞նչ է այդ աղջիի անունը։
― Նա բոլորովին էլ աղջի չէ, աղջիկ է։
― Իմ կարծիքով նույն բանն է․ ոմանք աղջի են ասում, ոմանք՝ աղջիկ։ Երկուսն էլ ճիշտ է։ Այնուամենայնիվ, ի՞նչ է անունը, Թոմ։
― Մի օր քեզ կասեմ, բայց ոչ այժմ։
― Շատ լավ, ինչպես կուզես, երբ դու ամուսնանաս, ես ավելի մենակ կմնամ։
― Ոչ, մենակ չես մնա, կգաս և ինձ հետ կապրես։ Այժմ թողնենք այդ և սկսենք փորել։
Մի կես ժամ աշխատելուց հետո հոգնեցին։ Ոչ մի արդյունք։ Մի կես ժամ էլ աշխատեցին։ Էլի ոչ մի արդյունք։ Հեքն ասաց․
― Միշտ այսքան խո՞րն են թաղում։
― Երբեմն ոչ։ Ընդհանրապես ոչ։ Ես կարծում եմ, որ ճիշտ տեղը չգտանք։
Նրանք մի նոր տեղ ընտրեցին և նորից սկսեցին։ Աշխատանքը մի քիչ դանդաղեց, բայց բավական առաջ գնաց։ Որոշ ժամանակ էլ լուռ և քրտնաջան աշխատեցին։ Ի վերջո Հեքը հենվեց իր բահին, թևով սրբեց ճակատի քրտինքը և ասաց․
― Սրանից հետո ո՞րն ենք փորելու։
― Իմ կարծիքով լավ կլինի փորձել տան ետևում գտնվող չոր ծառի տակը։
― Ես էլ եմ կարծում, որ այդ տեղը հարմար է, բայց այրին չի՞ խլի մեզնից, Թոմ։ Նա հողամասում է։
― Խլի՞։ Թող մի փորձի։ Ով գտնում է պահված գանձը, նրան է պատկանում։ Կարևոր չէ, թե ում հողամասում է գտնվում։
Դա գոհացուցիչ էր։ Աշխատանքը շարունակվեց։ Քիչ հետո Հեքն ասաց․
― Գրողը տանի, ըստ երևույթին նորից սխալ տեղում ենք։ Ի՞նչ ես կարծում։
― Շատ հետաքրքիր է Հեք։ Չեմ հասկանում։ Երբեմն կախարդները միջամտում են։ Ես կարծում եմ, որ հենց այդ պատճառով չենք գտնում։
― Հիմարություն։ Կախարդները ցերեկները ուժ չունեն։
― Դա ճիշտ է։ Ես այդ մասին չէի մտածել։ Ահա, հասկացա, թե ինչից է։ Ինչ հիմարներն ենք մենք։ Պետք է գտնել, թե կեսգիշերին որտե՞ղ է ընկնում ծառի շվաքը և այդ տեղը փորել։
― Է՛հ, դուրս է գալիս, որ ամբողջ այս աշխատանքը իզուր տեղը արեցինք։ Այժմ ամեն ինչ թող․ պետք է գիշերը վերադառնանք։ Ահավոր երկար ճանապարհ է։ Կարո՞ղ ենք գտնել։
― Կարող եմ։ Պետք է այս գիշերն իսկ անենք, որովհետև, եթե որևէ մեկը այս փոսերը տեսնի, անմիջապես կհասկանա, թե բանն ինչումն է, և գանձը կգտնի։
― Լավ, գիշերը ես կգամ ու կմլավեմ։
― Շատ լավ։ Եկ գործիքները մացառների տակ պահենք։
Այդ գիշեր, համարյա պայմանավորված ժամին, տղաները այդտեղ էին։ Նրանք ստվերում նստեցին և սպասեցին։ Խուլ տեղ էր և այնպիսի ժամ, որ բոլոր տրադիցիաներով լուրջ էր համարվում։ Շարժվող տերևների մեջ ոգիներն էին շշնջում, ուրվականներ էին պահվում մութ անկյուններում։ Հեռվից լսվեց մի շան հաչոց։ Մի բու պատասխանեց չարագուշակ կռինչով։ Տղաները ճնշվում էին շրջապատի հանդիսավորությունից և քիչ էին խոսում։ Հետո որոշեցին, որ հասել է ժամը տասներկուսը։ Նշեցին ստվեր ընկած տեղը և սկսեցին փորել։ Նրանց հույսերը սկսեցին ավելանալ։ Շահագրգռվածությունը գնալով մեծացավ և թափ տվեց աշխատանքին։ Փոսը խորանում ու խորանում էր, և ամեն անգամ, երբ քլունգը մի բանի էր դիպչում, նրանց սիրտը վեր էր թռչում, բայց հիասթափվում էին։ Մի քար կամ մի արմատ էր լինում։ Ի վերջո Թոմն ասաց․
― Շարունակելն իմաստ չունի, Հեք, նորից սխալվել ենք։
― Բայց մենք սխալված լինել չենք կարող․ սկսեցինք ստվերի ընկած տեղից։
― Գիտեմ, բայց այդ դեպքում ուրիշ պատճառ կա։
― Ի՞նչ պատճառ։
― Մենք ժամանակը գուշակեցինք։ Շատ հավանական է, որ ավելի ուշ էր կամ ավելի շուտ։
Հեքը ցած դրեց բահը։
― Դա է որ կա, ― ասաց նա։ ― Հենց դա է պատճառը։ Այս մեկը պետք է թողնենք։ Մենք երբեք չենք կարող ճիշտ ժամանակն իմանալ և բացի այդ, այստեղ շատ սարսափելի է, գիշերվա այս ժամին, երբ շուրջը վխտում են վհուկներ և ոգիներ։ Շարունակ ինձ թվում է, թե մեկը կանգնած է իմ ետևում։ Վախենում եմ շուռ գալ․ գուցե ուրիշներ էլ կան իմ առջևում, որոնք միայն այդպիսի առիթի են սպասում։ Այստեղ գալուց ի վեր անընդհատ դողում եմ։
― Ես ինքս էլ ավելի լավ վիճակում չեմ, Հեք։ Նրանք համարյա միշտ մի մեռած մարդ են դնում կողքին, երբ գանձը թաղում են ծառի տակ, որպեսզի պահպանի այն։
― Աստված իմ։
― Այո, այդպես են անում։ Ես միշտ այդպես եմ լսել։
― Թոմ, ես չեմ սիրում թրև գալ այն վայրերում, որտեղ մարդիկ են մահացել։ Վստահ եմ, որ նրանց հետ գործ ունենալիս մարդ միշտ փորձանքի է հանդիպում։
― Ես ինքս էլ չեմ սիրում նրանց արթնացնել, Հեք։ Պատկերացրու․ եթե հանկարծ մի անգամ դուրս ցցվի ու խոսի։
― Լսիր, Թոմ, սարսափելի է։
― Հենց այդպես էլ է։ Հեք, ես ինքս բոլորովին էլ հանգիստ չեմ։
― Լսիր, Թոմ, արի այս տեղը թողնենք և մի ուրիշ տեղ փորձենք։
― Շատ լավ, ինձ թվում է՝ ավելի լավ կլինի։
― Ո՞ւր գնանք։
Թոմը մի պահ մտածեց, հետո ասաց․
― Ուրվականներով լցված տունը։ Դա է, որ կա։
― Թող կորչի, ես ուրվականներով լցված տուն չեմ սիրում, Թոմ։ Դրանք մեռելներից վատ են։ Մեռած մարդիկ գուցե խոսեն, բայց պատանքի մեջ փաթաթված շուրջդ չեն պտտվի, երբ դու չես նայում և հանկարծ ուսիդ վրայից գաղտնի չեն նայի և ատամ չեն կրճտացնի, ինչպես ուրվականներն են անում։ Ես այդպիսի բանի չեմ դիմանա։ Ոչ ոք չի դիմանա։
― Այո, բայց ուրվականները միայն գիշերն են շրջում։ Մեզ չեն խանգարի, եթե ցերեկը փորենք։
― Դա այդպես է, բայց դու լավ գիտես, որ այդ ուրվականների տունը մարդիկ ուշ գիշերն են գնում, ոչ ցերեկը։
― Դա ավելի շուտ նրանից է, որ մարդիկ չեն սիրում գնալ մի տուն, որտեղ մարդ է սպանվել։ Բայց գիշերն էլ այդ տան շուրջը ոչ մի բան չի նշմարվել․ միայն ինչ֊որ կապույտ լույս, որ լուսամուտից է երևում, բայց ոչ մի կարգին ուրվական չի երևացել։
― Այո, բայց եթե որևէ տեղ կապույտ լույս ես տեսնում, Թոմ, կարող ես գրազ գալ, որ դրա ետևում ուրվական կա։ Պետք է տրամաբանել․ գիտես, որ միայն նրանք են կապույտ լույս օգտագործում։
― Այո, այդպես է, բայց բոլոր դեպքերում նրանք ցերեկը չեն շրջում, ուրեմն ի՞նչ օգուտ մեր վախենալուց։
― Դե լավ, քանի այդպես ես ասում, ուրվականների տունը քանդենք։ Բայց վտանգավոր է։
Մինչ այդ տղաները բլրից իջել էին։ Ներքևում, լուսնի լույսով լուսավորված հովտի մեջտեղում կանգնել էր «ուրվականներով լցված տունը»՝ բոլորովին մեկուսացած, վաղուց ցանկապատից զրկված, մինչ դուռը խոտով ծածկված, ծխնելույզը փուլ եկած, անապակի լուսամուտներով, տանիքի մի անկյունը քանդված։ Տղաները որոշ ժամանակ նայեցին, կարծելով, թե կապույտ լույս կտեսնեն լուսամուտներից մեկի մոտ, հետո ցածրաձայն խոսելով, ինչպես ժամանակն ու հանգամանքներն էին տրամադրում, թեքվեցին աջ, մի մեծ շրջան արեցին, ուրվականների տնից հեռացան և իրենց տան ճանապարհը բռնեցին Քարտիֆ բլրի հակառակ կողմից։
Գլուխ XXVII
Հաջորդ օրը, կեսօրվա մոտ տղաները գնացին չորացած ծառի մոտ՝ իրենց գործիքները տանելու։ Թոմն անհամբեր էր․ ուզում էր ժամ առաջ մտնել ուրվականներով լցված տունը։ Հեքը չափավոր էր ոգևորված և հանկարծ ասաց․
― Լսիր, Թոմ, գիտե՞ս այսօր ինչ օր է։
Թոմը մտքում հաշվեց շաբաթվա օրերը, հետո արագ բարձրացրեց ապշությամբ լեցուն աչքերը․
― Այ, երբեք այդ մասին չէի մտածել, Հեք։
― Ես էլ չէի մտածել, բայց հանկարծ հիշեցի, որ այսօր ուրբաթ է։
― Գրողը տանի։ Մարդ չպետք է այդքան անզգույշ լինի, Հեք։ Կարող էինք սարսափելի փորձանքի մեջ ընկնել, այսպիսի գործ ուրբաթ օրը անելով։
― Կարող էր պատահել։ Ավելի լավ է ասես, որ ընկնում էինք։ Գուցե բախտավոր օրեր կան, բայց ուրբաթը դրանցից չէ։
― Ամեն մի հիմար գիտե այդ բանը։ Ես չեմ կարծում, թե դու ես առաջին իմացողը, Հեք։
― Երբեք, ես չեմ ասել, թե առաջինը ես եմ։ Եվ հարցը միայն ուրբաթը չէ։ Անցյալ գիշեր ես մի շատ վատ երազ տեսա՝ առնետներ։
― Մի ասա։ Փորձանքի հաստատ նշան է։ Կռվո՞ւմ էիր։
― Ոչ։
― Դա լավ է, Հեք։ Երբ չես կռվում, դա նշանակում է, որ շուրջդ փորձանք կա։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, որ կրակը չընկնենք։ Այս գործը այսօր հետաձգենք և խաղանք։ Դու Ռոբին Հուդին ճանաչո՞ւմ ես։
― Ոչ։ Ո՞վ է Ռոբին Հուդը։
― Դա Անգլիայի ամենամեծ և լավագույն մարդկանցից մեկն էր։ Նա ավազակ էր։
― Է՜խ, երանի նրա տեղը լինեի։ Ո՞ւմ էր նա կողոպտում։
― Միայն շերիֆներին, եպիսկոպոսներին և հարուստ մարդկանց, թագավորներին ու նրանց նմաններին։ Բայց աղքատներին երբեք չէր անհանգստացնում։ Նրանց սիրում էր։ Նրանց հետ միշտ հավասար բաժանում էր կողոպտածը։
― Հրաշալի մարդ պետք է եղած լինի։
― Գրազ կգամ, որ այդպիսին է եղել, Հեք։ Օ՜, նա աշխարհի ամենաազնիվ մարդն է եղել։ Այժմ այդպիսի մարդիկ չկան, կարող եմ վստահեցնել քեզ։ Նա կարող էր Անգլիայում ապրող որևէ մեկին ծեծել մի ձեռքը մեջքին կապված, միշտ կարող էր դեղձենուց սարքած իր նետով խփել տասսենթանոցին, մեկուկես մղոն հեռվից։
― Ի՞նչ բան է դեղձենուց սարքածները։
― Չգիտեմ։ Անշուշտ մի տեսակ նետ է։ Եթե փողի ծայրին էր խփում, նստում ու լաց էր լինում և հայհոյում։ Ուրեմն Ռոբին Հուդ ենք խաղալու․ շատ լավ խաղ է։ Ես քեզ կսովորեցնեմ։
― Համաձայն եմ։
Ամբողջ կեսօրից հետո Ռոբին Հուդ խաղացին, երբեմն ագահ հայացքներ գցելով ուրվականներով լցված տան կողմը և ծանր ու թեթև անելով հաջորդ օրվա հեռանկարներն ու հնարավորությունները։ Երբ արևն սկսեց դեպի արևմուտք թեքվել, նրանք տան ճանապարհը բռնեցին ծառերի երկար ստվերների կողքով և շուտով տեսողությունից կորան Քարտիֆ բլրի անտառում։
Շաբաթ օրը, կեսօրից քիչ հետո, տղաները նորից չորացած ծառի մոտ էին։ Ծխեցին ու զրուցեցին ստվերի տակ և մի փոքր փորեցին իրենց նախկին փոսը, ոչ մեծ հույսով, այլ նրա համար, որ․․․ Թոմն ասաց, թե շատ դեպքեր են եղել, երբ մարդիկ գանձից զրկվել են մի քանի մատնաչափ պակաս փորելու պատճառով։ Հետո մի ուրիշ մարդ եկել և բահի մի հարվածով գտել է։ Բայց այս անգամ դա տեղի չունեցավ, և տղաները շալակեցին իրենց գործիքներն ու հեռացան, այն զգացողությամբ, որ գանձի չեն տիրացել, բայց կատարել են այն բոլորը, ինչ անհրաժեշտ է գանձ գտնելու համար։
Երբ հասան ուրվականներով լցված տանը, չարագուշակ ու սարսափելի մի լռություն էր տիրում այրող արևի տակ և լքված ու անմարդաբնակ տանը հատուկ այնպիսի մի ճնշող բան, որ նրանք մի պահ վախեցան ներս մտնել։ Հետո դռանը մոտեցան և դողալով ներս նայեցին։ Տեսան մի սենյակ առանց տախտակամածի, խոտածածկ հատակ, ծեփը թափած մի հին ծխնելույզ, դատարկ լուսամուտներ, մի քանդված սանդուղք, այս ու այն կողմ, ամեն տեղ կախված ոստյաններ։ Նրանք անձայն, բաբախող սրտերով ներս մտան։ Խոսում էին շշուկով, ականջները պահած ամենափոքր իսկ ձայնի, լարված մկաններով, պատրաստ անմիջապես փախչելու։
Կարճ ժամանակում ընտելացան, վախը մեղմացավ, և նրանք սկսեցին վայրն ուսումնասիրել հետաքրքրությամբ, հիանալով իրենց համարձակությամբ ու միաժամանակ զարմանալով։ Հետո ուզեցին տեսնել վերնահարկը։ Այդ նահանջի ճանապարհը կտրելու պես բան էր, բայց միմյանց համարձակություն ներշնչեցին և անշուշտ արդյունքի հասան։ Գործիքները մի անկյուն դրեցին ու վերև բարձրացան։ Այնտեղ էլ լքվածության նույն նշանները կային։ Միայն մի պահարան գտան, որ խորհրդավոր գաղտնիք էր խոստանում, բայց հիասթափվեցին․ մեջը ոչինչ չկար։ Տղաներն այժմ վերջնականապես արիացել էին և իրենց տիրապետում էին։ Ուզում էին ցած իջնել և աշխատանքն սկսել, երբ․
― Շըշշ, ― ասաց Թոմը։
Ի՞նչ կա, ― շշնջաց Հեքը, վախից գույնը գցելով։
― Շըշշ, լսո՞ւմ ես, այնտեղ։
― Այո։ Օ՜, փախչենք։
― Հանգիստ մնա, մի շարժվիր, ուղիղ դեպի դուռն են գալիս։
Տղաները հատակին պառկեցին, աչքները տախտակամածի ճեղքին, և սարսափահար սպասեցին։
― Կանգ առան․․․ ոչ․․․ գալիս են․․․ ահա նրանք։ Ոչ մի բառ չշշնջաս, Հեք։ Է՜հ, երանի այստեղ եկած չլինեինք։
Երկու մարդ ներս մտան։ Տղաներից ամեն մեկը ինքն իրեն ասաց․
― Ահա ծեր, խուլ ու մունջ իսպանացին, որ վերջերս մի երկու անգամ քաղաքում երևաց, մյուս մարդուն երբեք չեմ տեսել։
«Մյուսը» պատառոտված շորերով, անխմամ մի արարած էր, դեմքի վրա ոչ մի հաճելի բան չունեցող։ Իսպանացին փաթաթված էր թիկնոցով։ Նա խիտ ապիտակ մորուք ուներ, լայնեզր գլխարկի տակից դուրս պրծած երկար սպիտակ մազեր, աչքերին դրել էր կանաչ ակնոց։ Երբ ներս մտան, «մյուսը» խոսում էր ցածրաձայն։ Նրանք նստեցին գետնին՝ դեմքները դռանը, մեջքները պատին։ Խոսողը շարունակեց։ Նրա շարժումները նվազ զուսպ դարձան և բառերը՝ ավելի որոշ։
― Ո՛չ, ― ասաց նա, ― ես ամեն ինչ կշռադատեցի և ինձ դուր չի գալիս։ Վտանգավոր է։
― Վտանգավոր, ― փնթփնթաց «խուլ ու համր» իսպանացին, մեծ զարմանք պատճառելով տղաներին։ ― Թուլամորթ։
Այդ ձայնը տղաների շունչը կտրեց և դողացրեց։ Հնդկացի Ջոյի ձայնն էր։ Որոշ ժամանակ լռություն տիրեց։ Հետո Ջոն ասաց․
― Ի՞նչն էր ավելի վտանգավոր, քան այն մյուս գործը, բայց ոչինչ չպատահեց։
― Դա ուրիշ։ Գետի վերևի մասում և մոտերքում տուն չկար։ Ոչ ոք չի իմանում, որ մենք այդտեղ գործ արեցինք, քանի ոչինչ դուրս չեկավ։
― Ես այդ գիտեմ, բայց սրանից հարմար թաքնվելու տեղ չկար, այդ հիմար գործից հետո։ Ես ուզում եմ հեռանալ այս ավերակից։ Ուզեցի երեկ հեռանալ, բայց այդ անիծյալ տղաների պատճառով, որոնք բլրի վրա խաղում էին, հնարավոր չէր առանց տեսնվելու դուրս գալ։
«Այդ անիծյալ տղաները» այս խոսքի վրա նորից դողացին և մտածեցին, թե ինչքան բախտավոր են եղել երեկ՝ հիշելով օրվա ուրբաթ լինելը և գործը թողնելով այս օրվան։ Սրտի խորքում նրանք ցանկացան մի տարի սպասած լինել։ Երկու մարդիկ ուտելու բան հանեցին և սկսեցին ընթրել։ Երկար, մտածկոտ լռությունից հետո Հնդկացի Ջոն նորից խոսեց․
― Լսիր, տղա, դու գետեզրով բարձրացիր քո որջը։ Այնտեղ սպասիր, մինչև ինձնից լուր ստանաս։ Ես մի անգամ էլ պիտի փորձեմ այս քաղաքն ընկնեմ նայելու համար։ Մենք այդ «վտանգավոր» գործը կանենք շրջապատը մի փոքր լրտեսելուց և համոզվելուց հետո, երբ հանգամանքները հարմար կլինեն։ Հետո կգնանք դեպի Տեքսաս։ Միասին կգնանք։
Այս գոհացուցիչ էր։ Այժմ երկուսն էլ հորանջում էին, և Հնդկացի Ջոն ասաց․
― Անքնությունից մեռնում եմ։ Հսկելու հերթը քոնն է։
Խոտերի վրա նա կուչ եկավ և շուտով սկսեց խռմփալ։
Ընկերը մի քանի անգամ ցնցեց Ջոյին, բայց նա չշարժվեց։ Շուտով պահակը նույնպես սկսեց ննջել։ Գլուխը հետզհետե ցած էր իջնում։ Այժմ երկուսը միասին սկսեցին խռմփալ։
Տղաները խոր, երկար և թեթևացած շունչ քաշեցին։ Թոմը շշնջաց․
― Այժմ հարմար առիթ է, արի։
Հեքն ասաց․
― Չեմ կարող․ կմեռնեմ, եթե արթնանան։
Թոմը պնդեց, Հեքը համառեց։ Ի վերջո Թոմը դանդաղ ու կամաց վեր կացավ և մենակ ճանապարհ ընկավ։ Բայց առաջի քայլը այնպիսի այլանդակ ճռռոց հանեց հիմար տախտակամածից, որ սարսափից զարհուրած տղան անմիջապես նստեց։ Երկրորդ փորձն այլևս չարեց։ Տղաները պառկած հաշվում էին անցած րոպեները, մինչև թվաց, թե ժամանակը վերջացել է, և հավիտենականությունը կանգ է առել։ Հետո նրանք իրենց երախտապարտ զգացին, երբ, ի վերջո, արևը մայր մտավ։
Մի խռմփոցը դադարեց։ Հնդկացի Ջոն նստեց, շուրջը նայեց, դառնորեն ժպտաց իր ընկերոջ վրա, որի գլուխը ծնկների վրա էր ընկել, ոտքով արթնացրեց նրան և ասաց․
― Հեյ, դու էլ պիտի ասես, թե պահակ ես, չէ՞։ Բայց լավ է, որ ոչինչ չպատահեց։
― Վա՛հ, մի՞թե քնել եմ։
― Է՜հ, մասամբ, մասամբ։ Համարյա շարժվելու ժամանակն է։ Ի՞նչ պիտի անենք մնացած փողը։
― Չգիտեմ․ ինձ թվում է կարելի է այստեղ թաղել, ինչպես միշտ արել ենք։ Միտք չկա տանելու, մինչև հարավ գնալը։ Վեց հարյուր հիսուն արծաթը հանելը բավական դժվար է։
― Լավ, շատ լավ, արժե դրա համար մի անգամ էլ գալ։
― Այո, բայց պետք է գիշերը գալ, ինչպես անում էինք․ այդպես ավելի լավ է։
― Այո, բայց լսիր, գուցե երկար ժամանակ պետք լինի, մինչև այս գործն անելը։ Կարող են արկածներ պատահել։ Այնքան էլ լավ տեղում չեն փողերը։ Պետք է կարգին թաղենք, խորը։
― Լավ միտք է, ― ասաց ընկերը, քայլեց սենյակի երկյանքով, ծունկի եկավ, բարձրացրեց օջախի քարերից մեկը և մի տոպրակ հանեց, որը զվարթ զնգզնգաց։ Դրա միջից նա իր համար դուրս հանեց քսան կամ երեսուն դոլար և նույնքան էլ Հնդկացի Ջոյի համար, տոպրակը տվեց սրան, որն անկյունում ծնկի էր եկել և իր կեռ դանակով փորում էր։
Տղաները մի պահ մոռացան իրենց ամբողջ սարսափը, բոլոր դժբախտությունները։ Ագահ հայացքով դիտում էին յուրաքանչյուր շարժում։ Ահա բախտը, որի փայլն ամեն երևակայությունից անցնում էր։ Վեց հարյուր դոլարը բավարար փող էր կես դյուժին երեխա հարստացնելու համար։ Ահա գանձ որոնելը իր ամենաերջանիկ տեսքով․ այլևս անորոշություն չէր լինի, թե որտեղ պետք է փորել։ Ամեն րոպե նրանք արմունկով բզում էին իրար։ Պերճախոս ու հեշտ հասկանալի բզզոց․ դա պարզապես նշանակում էր․ «Օ՜հ, հիմա ուրախ չե՞ս, որ այստեղ ենք»։
Ջոյի դանակը մի բանի կպավ։
― Ահա, ― ասաց նա։
― Այդ ի՞նչ է, ― ասաց ընկերը։
― Փտած տախտակ, ոչ կարծես տուփ է։ Արի, օգնիր, որ տեսնենք, թե ի՞նչ է։ Ոչինչ, ես մի ծակ բացեցի։
Նա ձեռքը մտցրեց և դուրս հանեց։
― Լսիր, փող է։
Երկու մարդիկ նայեցին տուփի միջի փողին։ Ոսկի էր։ Վերևի տղաները նրանց չափ հուզված և ուրախ էին։
Ջոյի ընկերն ասաց․
― Պետք է շտապ պահել և այս գործը ավարտել։ Օջախի մյուս կողմում ես մի քիչ առաջ մի քլունգ ու բահ նկատեցի, գնամ բերեմ։
Նա վազեց և բերեց տղաների բահն ու քլունգը։ Հնդկացի Ջոն վերցրեց քլունգը, խուզարկու հայացքով նայեց ու գլուխն օրորեց, ինքն իրեն մի բան մրթմրթաց, հետո գործի անցավ։
Շուտով տուփի վրայի հողը հանեցին։ Տուփը շատ մեծ չէր, երկաթապատ էր և շատ դիմացկուն։ Ժամանակը հազիվ էր վնասել։ Որոշ ժամանակ նրանք դիտեցին գանձը երանելի լռության մեջ։
― Հովազ, այստեղ հազարավոր դոլարներ կան, ― ասաց Հնդկացի Ջոն։
― Միշտ պատմում էին, թե Մյուլլերի ավազակախումբն ամառները այս տեղերում էր մնում, ― նկատեց օտարականը։
― Գիտեմ, ― ասաց Հնդկացի Ջոն, ― և սա կարծես թե դա է ապացուցում։
― Այժմ դու կարիք չունես այն մյուս գործն անելու։
Խառնածինը մռայլվեց։ Նա ասաց․
― Դու ինձ չես ճանաչում, կամ առնվազն այդ գործի մասին ամեն ինչ չգիտես։ Դա միայն կողոպուտ չէ․ դա վրեժխնդրություն է, ― և նրա աչքերը չարությամբ փայլեցին։ ― Այդ գործում ես քո օգնության կարիքն եմ զգում։ Երբ ավարտենք, այդ ժամանակ Տեքսաս կգնանք։ Այժմ քո Նանսի տունը գնա, երեխաներիդ մոտ սպասիր, մինչև ես քեզ լուր ուղարկեմ։
― Լավ, եթե այդպես ես ասում։ Սա ի՞նչ պիտի անենք, նորից թաղե՞նք։
― Այո (վերևում լիակատար հրճվանք): Ո՛չ, հնդկացիների մեծ աստված մեծ Սեյջըմը վկա, ո՛չ (վերևում խորունկ հուսահատություն): Քիչ մնաց մոռանայի, որ քլունգի վրա թարմ հող կար (տղաները սառսուռից մի պահ մեռան)։ Այստեղ ի՞նչ գործ ունեն բահն ու քլունգը։ Սրանց վրա ի՞նչ գործ ունի թարմ հողը։ Ո՞վ է դրանք բերել և ո՞ւր է գնացել։ Դու որևէ ձայն լսեցի՞ր, որևէ մեկին տեսա՞ր, ի՞նչ, նորից թաղել և թողնել, որ նրանք փորված հողը տեսնե՞ն։ Ո՛չ, այդ չի լինի, իմ բույնը կտանենք։
― Իհարկե, իհարկե։ Այդ մասին ավելի շուտ պետք էր մտածել։ Համար առաջի՞ն բույնը։
― Ո՛չ, համար երկրորդը, խաչի տակինը։ Մյուս տեղը վատ է, շատ մարդ կա մոտերքում։
― Շատ լավ։ Բավական մութ է սկսելու համար։
Հնդկացի Ջոն վեր կացավ և լուսամուտից լուսամուտ գնալով զգուշությամբ դուրս նայեց։ Հետո ասաց․
― Ո՞վ կարող էր այդ գործիքները այստեղ բերել։ Չե՞ս կարծում, որ վերևում լինեն։
Տղաների շունչը կտրվեց։ Հնդկացի Ջոն ձեռքը դրեց դռնակին, մի պահ կանգ առավ անվճռականությամբ, հետո շուռ եկավ դեպի սանդուղքները։ Տղաները մտածեցին պահարանի մասին, բայց տեղից շարժվելու ուժ չունեին։ Քայլերը սանդուղքներից ճռճռալով բարձրանում էին։ Դրության անտանելիությունն արթնացրեց տղաների վճռականությունը։ Ուզում էին դեպի պահարանը թռչել, երբ լսվեց կոտրվող փտած տախտակների ճռինչ, և Հնդկացի Ջոն ջարդված աստիճանների հետ փռվեց ավերակի մեջտեղը։ Նա հայհոյելով վեր կացավ։ Ընկերն ասաց․
― Ի՞նչ կարիք կար։ Եթե որևէ մեկը կա, և նա վերևում է, թող այնտեղ էլ մնա։ Ու՞մ հոգն է։ Եթե ուզում են ներքև իջնել և փորձանքի մեջ ընկնել, ո՞վ է դեմ։ Տասնհինգ րոպեից մութ կլինի, և թող հետևեն մեզ, եթե ցանկանում են։ Ինքս ուզում եմ։ Իմ կարծիքով, եթե այս բաները այստեղ բերողը մեզ տեսել է, մեզ ոգիների կամ սատանաների տեղ դրած կլինի։ Գրազ կգամ, որ նա դեռևս փախչում է։
Ջոն ինչ֊որ բան մրթմրթաց, հետո ընկերոջ հետ համաձայնեց, որ պետք է ժամանակին հեռանալ, քանի դեռ լույս է։ Դրանից մի քիչ հետո նրանք տնից դուրս սահեցին խորացող աղջամաուղջի մեջ ու իրենց թանկագին սնդուկն առած՝ շարժվեցին դեպի գետը։
Թոմն ու Հեքը վեր կացան թույլ, բայց թեթևացած և նրանց ետևից երկար նայեցին տան գերանների արանքից։ Հետևե՞լ․ ո՛չ, ո՛չ։ Նրանք գոհ էին, որ նորից գետնին հասան առանց վզները կտրելու և բռնեցին բլրի վրայով քաղաք տանող ճանապարհը։ Նրանք շատ չէին խոսում․ զբաղված էին իրենք իրենց ատելով, ատելով իրենց ձախորդությունը, որ բահն ու քլունգը տարել էին այնտեղ։ Եթե դա չլիներ, Հնդկացի Ջոն երբեք չէր կասկածի։ Նա արծաթը կթաղեր ոսկու հետ, մինչև այդ «վրեժխնդրության» ծարավը հագեցներ և հետո դժբախտություն ունենար տեսնելու, որ փողն այլևս չկա։ Դժբախտություն, ծանր դժբախտություն։ Գործիքներն ինչո՞ւ տարան այնտեղ։ Նրանք որոշեցին հետևել այդ իսպանացուն, որ քաղաք պիտի գար լրտեսելու և գտնելու իր վրեժխնդրական գործի առիթը։ Պետք է հետևեին մինչև «համար երկուսը», որտեղ էլ դա լիներ։ Հետո Թոմի գլխում մի սարսափելի միտք ծագեց։
― Վրեժխնդրությո՞ն։ Իսկ եթե նա մե՞զ նկատի ունի, Հեք։
― Է՜հ, մի՛ ասա, ― առարկեց Հեքը՝ համարյա ուշագնաց լինելով։
Նրանք այդ մասին հանգամանորեն խոսեցին և քաղաք մտնելիս համաձայնեցին, որ հավանաբար ուրիշին նկատի ունի, առնվազն, կարող է նկատի ունենալ Թոմին, քանի որ միայն Թոմն էր վկայել։
Քիչ, շատ քիչ մխիթարություն կար Թոմի համար, որ մենակ է վտանգի մեջ։ Ընկեր ունենալը որոշակիորեն ավելի լավ կլիներ, մտածում էր նա։
Գլուխ XXVIII
Ցերեկվա արկածը Թոմին մեծ չափով տանջեց գիշերը։ Չորս անգամ նա ձեռքը դրեց այդ հարուստ գանձի վրա, և չորս անգամն էլ այն ոչնչի փոխակերպվեց։ Երբ արթնացավ, արթնության հետ վերադարձավ դժբախտության իրական զգացումը։ Վաղ առավոտյան, երբ արթնացած հիշում էր իր մեծ արկածի մանրամասնությունները, նկատեց, որ դրանք զարմանալի կերպով անորոշ են և հեռու, կարծես ուրիշ աշխարհում կամ շատ հին անցյալում պատահած լինեն։ Հետո թվաց, թե այդ մեծ արկածը երազ է։ Այդ մտքի օգտին մի մեծ փաստարկ կար, այն, որ իր տեսած փողերը իրական լինելուց ավելի շատ էին։ Նա մինչ այդ հիսուն դոլարից ավելին իրար մոտ չէր տեսել, և նա, ինչպես իր տարիքի և նման պայմաններում ապրող տղաները, կարծում էր, թե «հարյուրները» և «հազարները» պարզապես արտահայտվելու ձևեր էին, իսկ այդքան գումար աշխարհում չկար։ Նա երբեք չէր կարծում, թե այնպիսի խոշոր գումար, ինչպիսին հարյուր դոլարն է, կարող է որևէ մեկն ունենալ։ Թաքցրած գանձերը նա պատկերացնում էր իբրև մի բուռ իսկական փող և ավելի շատ անորոշ, հրաշալի, բայց և անհասանելի դոլարներ։ Բայց որքան նա մտածում էր իր արկածի մանրամասնությունների մասին, այնքան դրանք ցայտուն էին դառնում։ Ի վերջո սկսեց հավատալ, որ պատահածը, այնուամենայնիվ, լրիվ երազ չէ։ Այդ անորոշությունը պետք է վերացներ։ Նա արագ պետք է նախաճաշեր և գնար Հեքին որոնելու։
Հեքը շատ ընկճված տեսքով նստած էր մի տափակ նավակի կողքին, ոտքերը ջրի մեջ շարժելով։ Թոմը սպասեց, որ եղածի մասին Հեքը խոսի։ Եթե չխոսի, ուրեմն՝ արկածը պարզապես երազ է եղել։
― Հելլո՛, Հեք։
― Հելլո՜։
Մի րոպե լռություն։
― Թոմ, եթե այդ անիծված գործիքները թողնեինք չորացած ծառի մոտ, հիմա փողի տեր կլինեինք։ Մի՞թե ահավոր չէ։
― Ուրեմն երազ չէ՞, երազ չէ՞։ Ուզում եմ, որ երազ լիներ, հավատա, ուզում եմ։
― Ի՞նչը երազ չէ։
― Երեկվա պատահածը։ Համարյա հավատացած էի, որ երազ է։
― Երա՜զ։ Եթե այդ աստիճանները չջարդվեին, կտեսնեիր, թե ինչ երազ էր։ Ամբողջ գիշեր բավական երազներ տեսա։ Չռած աչքերով այդ իսպանացուն տեսա․ ամբողջ ժամանակ ետևիցս էր վազում։ Գրողի ծոցը կորչի։
― Ո՛չ, թող չկորչի, պետք է գտնել նրան։ Գտնել փողը։
― Թոմ, մենք նրան երբեք չենք գտնի։ Այդպիսի գումար գտնելու համար մարդու բախտը մի անգամ է բանում։ Այդ առիթը մենք բաց թողինք։ Սարսափելի կվախենամ, եթե նորից տեսնեմ նրան։
― Ես էլ, բայց բոլոր դեպքերում կուզենայի տեսնել և հետևել այդ մարդուն մինչև իր երկրորդ համարը։
― Երկրորդ համար, այո։ Ես այդ մասին մտածում էի, բայց դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ բան է դա։
― Չգիտեմ։ Շատ մութ բան է։ Լսիր, Հեք, գուցե տան համար է։
― Խելոք։ Ոչ, Թոմ, դա չէ։ Եթե նույնիսկ այդպես է, մեր այս քաղաքում չէ։ Այստեղ տները համար չունեն։
― Այո, այդպես է, թող մի րոպե մտածեմ։ Ահա, սենյակի համարն է, ինչ֊որ հյուրանոցում։
― Հենց այդ է, որ կա։ Այստեղ միայն երկու հյուրանոց կա։ Մենք կարող ենք հեշտությամբ գտնել։
― Հեք, այստեղ սպասիր, մինչև գամ։
Թոմն անմիջապես չքացավ։ Հասարակական վայրերում նա չէր ուզում Հեքի հետ երևալ։ Կես ժամ անցավ։ Նա իմացավ, որ լավագույն հյուրանոցի երկրորդ համարը վաղուց զբաղեցրել է մի երիտասարդ իրավաբան և այժմ էլ այնտեղ է։ Մյուս ավելի անշուք հյուրանոցի երկրորդ համարը խորհրդավոր թվաց։ Հյուրանոցի տիրոջ տղան ասաց, թե այն վաղուց կողպված է, և ինքը երբեք չի տեսել, որ այնտեղ մեկն ու մեկը մտնի կամ դուրս գա, բացի գիշերից։ Ուրիշ ոչինչ չգիտեր։ Նա մի փոքր հետաքրքրասեր տղա էր, բայց ոչ այնքան շատ։ Նա ավելի խորհրդավոր էր դարձրել այն, ինքն իրեն համոզելով, թե սենյակում ոգիներ են ապրում։ Նկատել էր, որ անցյալ գիշեր այնտեղ լույս կար։
― Ահա թե ինչ իմացա, Հեք, կարծում եմ, որ դա հենց մեր փնտրած երկրորդ համարն է։
― Ես էլ եմ կարծում, Թոմ։ Հիմա ի՞նչ ես ուզում անել։
― Թող մտածեմ։
Թոմը երկար մտածեց, հետո ասաց․
― Ահա թե ինչ։ Այդ երկրորդ համարի ետևի դուռը դուրս էր գալիս հյուրանոցի և աղյուսի պահեստի նեղ փողոցը։ Այժմ ինչքան բանալի կարողանաս ճարել, ճարիր, իսկ ես մորաքրոջս բանալիները կթռցնեմ և առաջին մութ գիշերն իսկ այնտեղ կգնանք ու կփորձենք։ Չմոռանաս հետևել Հնդկացի Ջոյին։ Նա ասաց, որ մի անգամ էլ է քաղաք գալու և առիթ է ման գալու իր վրեժը լուծելու։ Եթե տեսնես նրան, պարզապես հետևիր։ Եթե նա այդ երկրորդ համարը չգնա, ուրեմն՝ դա չէ տեղը։
― Չեմ ուզում մենակ հետևել։
― Ինչո՞ւ, հավանաբար գիշեր է լինելու։ Նա չի կարող քեզ տեսնել, և եթե տեսնի, գուցե ոչինչ էլ չմտածի։
― Լավ, եթե լավ մութ լինի, կհետևեմ։ Չգիտեմ, չգիտեմ, կփորձեմ․․․
― Եթե մութ լինի, ես էլ կհետևեմ, Հեք։ Տեսնելով, որ վրեժխնդրությունը գլուխ չի գալիս, գուցե գա այստեղ այդ փողերը տանելու։
― Այդպես է, Թոմ, ճիշտ է։ Կհետևեմ։ Կհետևեմ, ազնիվ խոսք։
― Այ, արդեն լավ է։ Երբեք մի՛ թուլացիր, Հեք։ Ինքս էլ չեմ թուլանալու։
Գլուխ XXIX
Այդ գիշեր Թոմն ու Հեքը պատրաստ էին իրենց նոր արկածին։ Նրանք հյուրանոցի շուրջը թափառում էին մինչև ժամը ինը, մեկը՝ հեռվից, ճանապարհը դիտելով, մյուսը՝ հյուրանոցի դռանը։ Ոչ ոք փողոց չմտավ կամ դուրս չեկավ։ Իսպանացու նմանվող ոչ մի մարդ հյուրանոց չմտավ կամ այնտեղից դուրս չեկավ։ Գիշերը խոստանում էր պարզ լինել։ Թոմը տուն գնաց, պայմանավորվելով, որ եթե բավականաչափ մութ լինի, Հեքը թող գա, մլավի։ Ինքը դուրս կծլկի և կփորձի բանալիները։ Բայց գիշերը պարզկա էր, և ժամը մոտ տասներկուսին Հեքը իր դիտակետը թողնելով, գնաց քնելու շաքարի դատարկ տակառի մեջ։
Տղաները երեքշաբթի օրն էլ բախտ չունեցան, ինչպես և չորեքշաբթի օրը։ Բայց հինգշաբթի օրը ավելի խոստումնալից էր։ Հարմար ժամին Թոմը դուրս սահեց, վերցնելով մորաքրոջ թիթեղյա հին լապտերը և մի մեծ սրբիչ, որ լույսը քողարկի։ Նա լապտերը պահեց Հեքի շաքարի տակառում և անցավ պահակության։ Կեսգիշերից մի ժամ հետո հյուրանոցը փակվեց, և լույսերը հանգան (շրջակայքում ուրիշ լույս չկար)։ Ոչ մի իսպանացի չերևաց։ Ոչ ոք ներս չմտավ, ոչ էլ դուրս եկավ փողոցից։ Ամեն ինչ հարմար էր։ Մութը տիրում էր, կատարյալ լռությունը խզվում էր միայն հեռավոր ամպրոպի հատուկենտ ճայթյուններից։
Թոմը վերցրեց լապտերը, տակառի մեջ վառեց, փաթաթեց սրբիչով, և երկու արկածախնդիրները մթության մեջ շարժվեցին դեպի հյուրանոց։ Հետո մտահոգ սպասաման երկարատև ժամանակ անցավ, որ Հեքին ճնշեց սարի նման։ Նա ուզում էր տեսնել լապտերի լույսը։ Դա տղային կվախեցներ, բայց նա գոնե կիմանար, որ Թոմը դեռևս ողջ է։
Թվում էր, թե Թոմի գնալուց հետո ժամեր են անցել։ Հավանաբար ուշագնաց է եղել։ Գուցե մեռել է, գուցե սարսափից և հուզմունքից սիրտը պայթել է։ Անհանգիստ վիճակում Հեքը գլխի ընկավ, որ դանդաղ մոտենում է փողոցին, ամեն սարսափելի բանից վախենալով և ամեն վայրկյան սպասելով օրհասական աղետի։ Վախից շունչը կտրվում էր, սիրտն այնպես էր թպրտում, որ քիչ էր մնում պայթի։ Հանկարծ լույսի մի շող երևաց և Թոմը սլացավ նրա կողքով։
― Փախիր, ― ասաց նա,― փախիր և կյանքդ ազատիր։
Կրկնելու կարիք չուներ․ մի անգամը բավական էր։ Հեքն արդեն վազում էր ժամում երեսուն կամ քառասուն մղոն արագությամբ։ Մինչև քաղաքի մյուս ծայրում գտնվող լքված սպանդանոցը տղաները կանգ չառան։ Հազիվ էին տեղ հասել, երբ պայթեց ամպրոպը, և անձրև տեղաց։ Երբ Թոմի շունչը տեղը եկավ, նա ասաց․
― Հեք, սարսափելի էր։ Բանալիներից երկուսը փորձեցի, ինչքան կարող էի կամաց, բայց դրանք այնպիսի ձայն էին հանում, որ լեղիս ճաքում էր։ Այնպես էի վախենում։ Դրանք կողպեքի մեջ չէին պտտվում։ Հետո, առանց իմանալու, թե ինչ եմ անում, ես բռնակը հրեցի, և դուռը բացվեց։ Չէր կողպված։ Ես ներս թռա, սրբիչը հանեցի և ով մեծ կեսարի ոգի․․․
― Ի՞նչ, ի՞նչ տեսար, Թոմ։
― Հեք, քիչ մնաց Հնդկացի Ջոյի ձեռքը տրորեի։
― Չէ՜։
― Այո։ Նա այնտեղ պառկած էր, հատակին, խոր քնած, աչքին այդ հին լաթի կտորը և ձեռքերը տարածած։
― Աստված իմ, ի՞նչ արեցիր։ Նա արթնացա՞վ։
― Ոչ, չշարժվեց էլ։ Կարծեմ հարբած էր։ Ես անմիջապես վերցրի սրբիչը և դուրս թռա։
― Ես սրբիչի մասին չէի մտածի, վստահ եմ։
― Իսկ ես կմտածեի։ Մորաքույրս հոգիս կհաներ, եթե կորցնեի։
― Լսիր, Թոմ, այդ սնդուկը տեսա՞ր։
― Հեք, ես շուրջս նայելու ժամանակ չունեցա։ Տուփը չտեսա, խաչն էլ չտեսա։ Ես բան չտեսա, բացի Հնդկացի Ջոյի կողքի շշից և թիթեղե բաժակից։ Հա, տեսա նաև երկու տակառ և բազմաթիվ շշեր։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչ է կատարվում այդ ոգիների սենյակում։
― Ի՞նչ։
― Դա վիսկիով է լցված։ Գուցե բոլոր հյուրանոցներում այդպիսի ոգիներով լիքը սենյակներ կան, հը՞, Հեք։
― Գուցե այդպես է։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Բայց լսիր, Թոմ, հիմա ամենահարմար ժամանակն է այդ տուփը վերցնելու, քանի Հնդկացի Ջոն հարբած է։
― Ճիշտ է, դե գնա փորձիր։
Հեքը սարսռաց․
― Չէ, ես չեմ կարող։
― Ոչ էլ ես, Հեք։ Հնդկացի Ջոյի կողքին միայն մի շիշ կար և դա բավական չէ։ Եթե երեքը լինեին, նա բավական խմած կլիներ, և ես կանեի։
Երկարատև, մտահոգ լռություն տիրեց, հետո Թոմն ասաց․
― Լսիր, Հեք, արի այլևս չփորձենք, մինչև չիմանանք, որ Հնդկացի Ջոն այնտեղ չէ։ Շատ սարսափելի է։ Եթե ամեն գիշեր հսկենք, վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի։ Այդ ժամանակ տուփը կթռցնենք կայծակից էլ արագ։
― Լավ, համաձայն եմ։ Ամբողջ գիշերը կհսկեմ և ամեն գիշեր կհսկեմ, եթե գործի մնացած մասը դու անես։
― Շատ լավ, կանեմ։ Սրանից հետո քո անելիքը կլինի վազել Հուպըր փողոցը և մլավել։ Եթե քնած լինեմ, լուսամուտին խճաքարեր նետիր, որ արթնանամ։
― Համաձայն եմ, այդպես էլ կանեմ։
― Իսկ հիմա, Հեք, ամպրոպն անցավ, և ես տուն պիտի գնամ։ Մի քանի ժամից արշալույսը կբացվի։ Դու հետ գնա և հսկիր, լա՞վ։
― Ասացի կանեմ, Թոմ, ուրեմն՝ կանեմ։ Ամբողջ մի տարի այս հյուրանոցից գիշերները չեմ հեռանա։ Ամբողջ ցերեկը կքնեմ և ամբողջ գիշեր կհսկեմ։
― Շատ լավ։ Իսկ որտե՞ղ կքնես։
― Բեն Ռոջերսի խոտանոցում։ Նա ինձ թույլ է տալիս։ Նույնը անում է նրա հոր նեգրը՝ քեռի Ջեկը։ Քեռի Ջեկի համար ջուր եմ կրում, երբ նա ուզում է, և ամեն անգամ, ուտելու մի փոքր բան է տալիս, եթե ունենում է։ Շատ բարի նեգր է, Թոմ։ Նա ինձ սիրում է, որովհետև ես երբեք այնպես չեմ պահում ինձ, թե իբր ես նրանից բարձր եմ։ Մի քանի անգամ ես նստել եմ նրա հետ և միասին կերել։ Բայց կարիք չկա, որ դա պատմես։ Երբ մարդ սարսափելի սոված է, անում է այնպիսի բաներ, որ չէր ուզենա անել, իբրև ամոթալի արարք։
― Լավ, քանի որ ցերեկները քո կարիքը չեմ զգալու, Հեք, կթողնեմ, որ քնես։ Չեմ գա քեզ խանգարելու։ Գիշերները, եթե որևէ բան նկատես, պարզապես արի ու մլավի։
Գլուխ XXX
Ուրբաթ առավոտյան Թոմի լսած առաջին բանը ուրախ լուր էր․ նախորդ գիշեր քաղաք էր վերադարձել դատավոր Թեչըրի ընտանիքը։ Մի պահ երկրորդական կարևորություն ստացան և՛ Հնդկացի Ջոն, և՛ գանձը։
Բեքին առաջին տեղը գրավեց տղայի հետաքրքրության մեջ։ Նա տեսավ աղջկան, և նրանք հրաշալի ժամանակ անցկացրին խաղալով իրենց դասարանցիների մի մեծ խմբի հետ։ Օրն ավարտվեց և պսակվեց շատ գոհացուցիչ ձևով։ Բեքին համոզեց մորը, որ հաջորդ օրվա համար նշանակի երկար ժամանակ խոստացված և երկար հետաձգված պիկնիկը։ Մայրը համաձայնեց։ Երեխայի ուրախությունն անսահման էր, իսկ Թոմը չափավորներից չէր։ Մինչև մայրամուտ հրավերներ ուղարկվեցին։ Քաղաքի պատանիներն անմիջապես ընկան պատրաստության մոլուցքի մեջ և սկսեցին նախապես վայելել այն։ Թոմը հուզմունքից արթուն մնաց բավական ժամանակ։ Հույս ուներ, թե կլսի Հեքի մլավոցը և իր գանձերով հաջորդ օրը կզարմացնի Բեքիին և պիկնիկի մյուս մասնակիցներին, բայց հիասթափվեց։ Այդ գիշեր ոչ մի նշան չեղավ։
Առավոտը եկավ և ժամը տասի կամ տասնմեկի մոտերքը աղմկալից և թռվռուն մի խումբ հավաքվեց դատավոր Թեչըրի տան առաջ։ Ամեն ինչ պատրաստ էր ճանապարհ ընկնելու։ Սովորություն չէ, որ մեծահասակներն իրենց ներկայությամբ խանգարեն պիկնիկավորներին։ Երեխաները ապահով էին համարվում տասնությամյա մի քանի աղջիկների և մի քանի քսանամյա երիտասարդների հսկողության տակ։ Վարձված էր «Ջին» գետանցանավը։ Շուտով ուրախ խումբը գլխավոր փողոցը լցրեց ուտելիքների զամբյուղներով։ Սիդը հիվանդ էր և հարկադրված էր այդ հաճույքից զրկվել։ Մերին մնաց տանը նրան զբաղեցնելու համար։ Վերջին բանը, որ միսիս Թեչըրը ասաց Բեքիին, այս էր․
― Դու շատ ուշ կվերադառնաս։ Գուցե ավելի լավ կլինի գիշերը մնաս նավահանգստի մոտ ապրող աղջիկներից մեկի տանը։
― Այդ դեպքում ես Սյուզի Հարպըրի հետ կմնամ, մայրիկ։
― Շատ լավ։ Քեզ լավ պահիր և որևէ անախորժության առիթ չտաս։
Երբ նրանք դուրս եկան, Թոմն ասաց Բեքիին․
― Լսիր, ահա թե ինչ կանենք։ Ջո Հարպըրենց գնալու փոխարեն մենք բլուր կբարձրանանք և կմնանք այրի Դուգլասի մոտ։ Նա պաղպաղակ կունենա։ Նա համարյա միշտ պաղպաղակ է ունենում և այնքա՜ն շատ։
― Նա կուրախանա, եթե մեզ տեսնի։
― Օ՛յ, դա հրաշալի բան կլինի։
Հետո Բեքին մի րոպե մտածեց և ասաց․
― Բայց ի՞նչ կասի մայրիկը։
― Որտեղի՞ց պիտի իմանա։
Աղջիկը մտածեց և ասաց անվճռականորեն․
― Ինձ թվում է, որ սխալ է, բայց․․․
― Բայց ոչինչ։ Քո մայրը չի իմանա։ Կամ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Նրա ամբողջ ուզածն այն է, որ դու ապահով լինես և գրազ կգամ, որ ինքը քեզ կասեր այդտեղ գնալ, եթե մտքովն անցներ։ Վստահ եմ, որ կասեր։
Այրի Դուգլասի հրաշալի հյուրասիրությունը գայթակղիչ էր։ Դա և Թոմի հավաստիացումները գործը տեսան։ Որոշվեց գիշերային ծրագրի մասին ոչ ոքի չասել։
Հանկարծ Թոմը հիշեց, որ գուցե այդ գիշեր Հեքը կգա և ազդանշան կտա։ Այդ մտածումից նրա ոգևորության մի մասը սառեց։ Բայց նա չէր կարողանում հրաժարվել այրի Դուգլասի տանն սպասող ուրախությունից։ Եվ ինչո՞ւ պետք է հրաժարվեր, տրամաբանեց նա․ անցյալ գիշեր ազդանշան չեղավ, ինչո՞ւ պետք է այս գիշեր լիներ։ Գիշերային ապահով ուրախությունը մի կողմ մղեց անապահով գանձը և, ինչպես բնական է երեխայի համար, նա որոշեց տեղի տալ ավելի ուժեղ ցանկությանը, իրեն թույլ չտալ գանձի մասին այդ օրը մի անգամ էլ մտածել։
Քաղաքից երեք մղոն ներքև գետանցանավը կանգ առավ ծառաշատ մի հովտի դիմաց և կապվեց ափից։ Խումբը ցամաք դուրս եկավ և շուտով անտառի թավուտներում, ժայռերի վրա լսվեցին ծիծաղ ու աղմուկ։ Տաքանալու և հոգնելու բոլոր ձևերը գործի դրվեցին։ Շուտով չարաճճիները ճամբար վերադարձան բացված ախորժակով և վրա պրծան համեղ ուտելիքներին։ Խնջույքից հետո հանգստացան սաղարթախիտ կաղնու սստվերում և զրուցեցին։ Հանկարծ մեկը բղավեց․
― Ո՞վ է ուզում քարանձավ գնալ։
Բոլորն էլ ուզում էին։ Կապոցներով մոմեր մեջտեղ հանվեցին և անմիջապես մագլցեցին բլուրն ի վեր։ Քարանձավի մուտքը բլրի գագաթին էր, մի բացվածք A տառի նման։ Նրա հսկա կաղնե դուռը բաց էր։ Ներսում կար մի փոքր սենյակ, սառցարանի նման ցուրտ և բնության կողմից պատած պինդ կրով, որը թաց էր, կարծես ծածկված էր սառը քրտինքով։ Այնքա՜ն խորհրդավոր էր ու ռոմանտիկ՝ թանձր խավարում կանգնած, դիտել ներքևում տարածվող կանաչ հովիտը, որ փայլում էր արևի տակ։ Բայց առաջին տպավորությունը շուտով թուլացավ, և նորից աղմկարարությունը սկսվեց։ Հենց որ մեկը մոմ էր վառում, բոլորը հարձակվում էին վրան։ Ինչքան էլ սա պայքարեր ու պաշտպանվեր, մոմը շուտով մի կողմ էր շպրտվում կամ հանգցվում։ Հետո բոլորը ծիծաղում էին ու հարձակվում մի ուրիշի վրա։ Բայց ամեն ինչ վախճան ունի։ Շուտով գլխավոր անցքի գահավեժ թեքվածքով ցած իջան։ Մոմերի առկայծող լույսի տակ երևում էին քարե պատերը մինչև իրենց միացման տեղը՝ վաթսուն ոտնաչափ բարձր։ Գլխավոր անցքը ութ֊տասը ոտնաչափից ավելի լայն չէր։ Յուրաքանչյուր քայլափոխին երկու կողմից դրան միանում էին ուրիշ, ավելի նեղ անցքեր։ Մակ֊Դուգալի քարանձավը մի լաբիրինթոս էր իրար միացած միջանցքների, որոնք ոչ մի ելք չունեին։
Ասում էին, թե կարելի է օրեր և գիշերներ թափառել այդ անցքերի ու ճեղքերի խճճվածքում և քարանձավի վերջը չգտնել։ Կարելի էր գնալ ու գնալ, իջնել ու իջնել դեպի գետնի խորքը և միշտ միևնույնն էր, լաբիրինթոս լաբիրինթոսի տակ և դրանցից ոչ մեկն էլ վերջ չուներ։ Ոչ մի մարդ «չգիտեր» քարանձավը։ Դա անհնար բան էր։ Երիտասարդներից շատերը դրա մի մասը միայն գիտեին, և ընդունված չէր այդ հայտնի մասից ավելի հեռու խիզախել։ Թոմ Սոյերն էլ քարանձավին ծանոթ էր այնքան, որքան ուրիշները․ խումբը շարժվեց գլխավոր անցքով մոտ երեք քառորդ մղոն, հետո խմբերի ու զույգերի բաժանվեցին և գնացին դեպի կողքի անցքերը։ Մտադիր էին անցնել նեղ միջանցքներով ու իրար հանկարծակիի բերել այն տեղում, որտեղ միջանցքները նորից միանում են։ Առանց «ճանաչված» մասից հեռանալու, խմբերը կես ժամ կարող էին իրար չհանդիպել։
Կամաց֊կամաց, խումբ խմբի ետևից դուրս եկան քարանձավից՝ ուրախ, ոտից֊գլուխ մոմի կաթիլներով ծածկված, կավաշաղախ և ամբողջովին հիացած անցկացրած օրվա հաջողությամբ։ Նրանք զարմանում էին, որ չեն զգացել, թե ինչպես է անցել ժամանակը։ Արդեն երեկո էր։ Կես ժամ էր ինչ նավից զանգահարում էին։ Այնուամենայնիվ, օրվա արկածն այս ձևով ավարտելը ռոմանտիկ էր, հետևաբար՝ գոհացուցիչ։ Երբ շոգենավը իր ուրախ բեռով ճանապարհ ընկավ, ոչ ոք, բացի նավապետից, վեց պենսի չափ իսկ չէր ափսոսում կորցրած ժամանակը։
Հեքն արդեն իր պահակակետի վրա էր, երբ շոգենավի լույսերը իր կողքով անցան։ Նա ոչ մի ձայն չլսեց, որովհետև երիտասարդները լուռ էին այնպես, ինչպես սովորաբար լռում են սաստիկ հոգնած մարդիկ։ Նա զարմացավ, թե ինչ նավ էր այդ, որ նավահանգստում չկանգնեց, հետո շուտով մոռացավ այն և ուշադրությունը կենտրոնացրեց իր գործի վրա։ Գիշերն ամպոտ ու մութ էր։ Ժամը տասն էր։ Սայլերի աղմուկը դադարեց, ցրված լույսերը սկսեցին հանգչել, ոտնաձայները լռեցին, և փոքր քաղաքն սկսեց ննջել փոքրիկ պահակին թողնելով մենակ՝ լռության ու ոգիների հետ։ Ժամը տասնմեկը հնչեց, և հյուրանոցի լույսը հանգավ։ Այժմ ամեն տեղ մութ էր։ Հեքը սպասեց, ինչպես իրեն թվաց, շատ երկար, բայց ոչինչ չպատահեց։ Նրա հավատքը թուլանում էր։ Որևէ իմաստ ունե՞ր այս բոլորը, որևէ նպատակ։ Ինչո՞ւ չլքել ու ետ չգնալ։
Մի ձայն հասավ ականջին։ Տղան լսողությունը լարեց։ Փողոցի դուռը կամացուկ փակվեց։ Հեքն իսկույն նետվեց մի անկյուն։ Հաջորդ վայրկյանին նրա կողքով վազեցին երկու հոգի և թվաց թե մեկը ինչ֊որ բան ունի թևի տակ։ Պետք է որ տուփը լիներ։ Ուրեմն՝ գանձը տեղափոխում են։ Ինչո՞ւ այժմ Թոմին կանչել։ Հիմարություն կլիներ․ մարդիկ տուփի հետ կանհետանային և այլևս չէին գտնվի։ Ոչ, նա պոկ չի գա դրանից և կհետևի։ Նա վստահ է, որ խավարում կարող է լինել ապահով, մնալ աննկատելի։ Այսպես ինքն իր հետ խոսելով, Հեքը դուրս եկավ և մարդկանց հետևից սահեց կատվի նման, բոբիկ ոտքերով, նրանց այնքան առաջ թողնելով, որ չտեսնվի։
Երեք տնաշարք անցան գետեզերյան փողոցով, հետո դարձան դեպի ձախ և մտան հանդիպակաց փողոցը։ Ուղիղ առաջ գնացին, մինչև հասան Քարտիֆ բլուրը տանող ուղին և այդ ճանապարհը բռնեցին։ Նրանք անցան ծեր ուելսեցու տան մոտով և բլրի կես ճանապարհին, առանց վարանելու, շարունակեցին վերև մագլցել։ «Լավ է, ― մտածեց Հեքը, ― հին քարանձավում են թողնելու»։ Բայց նրանք բարձրացան դեպի գագաթը։ Շրջվեցին դեպի նեղ արահետը, անցան խիտ թփուտի միջով և հանկարծ խավարում չքացան։ Հեքը քայլերն արագացրեց և տարածությունը կրճատեց, որովհետև նրանք այլևս իրեն տեսնել չէին կարող։ Որոշ ժամանակ նա համարյա վազում էր, հետո դանդաղեցրեց քայլերը, վախենալով, որ շատ արագ է քայլում։ Մի փոքր էլ առաջացավ, հետո բոլորովին կանգնեց։ Ականջ դրեց։ Ոչ մի ձայն։ Լսում էր միայն իր սրտի զարկերը։ Բլրից լսվեց բուի կռինչը։ Չարագուշակ նշան։ Բայց քայլերի ոչ մի ձայն։ Երկինք, մի՞թե ամեն ինչ կորած է։ Նա ուզում էր հեռանալ, երբ մի մարդ կոկորդը մաքրեց իրենից չորս քայլ հեռու։ Հեքի սիրտը կուչ եկավ, բայց նա թուքը կուլ տվեց և մնաց կանգնած։ Այնպես էր դողում, ասես միանգամից բռնվել էր տասը տեսակ տենդով։ Իրեն այնքան թույլ էր զգում, որ մտածեց, թե ուր որ է գետին կընկնի։ Նա գիտեր, թե որտեղ է կանգնած․ ընդամենը հինգ քայլ էր հեռու այրի Դուգլասի կալվածքը շրջափակող ցանկապատի դռնակից։ «Շատ լավ, ― մտածեց նա, ― թող այդտեղ թաղեն, դժվար չի լինի գտնել»։
Այդ ժամանակ մի ցածր ձայն լսվեց, մի շատ ցածր ձայն․ Հնդկացի Ջոն էր։ ― Գրողը տանի, գուցե մոտը մարդ կա, լույսը վառվում է, թեև արդեն ուշ է։
― Ես ոչ մի լույս չեմ տեսնում։
Դա օտարականի ձայնն էր, ոգիների տան օտարականի ձայնը։ Մահացու մի դող անցավ Հեքի մարմնով․ ուրեմն՝ այս էր «վրեժխնդրության» գործը։ Նա ուզեց փախչել, բայց հիշեց, որ այրի Դուգլասը միշտ էլ բարի էր եղել իր նկատմամբ։ Իսկ այդ մարդիկ գուցե ուզում են սպանել նրան։ Հեքը սրտանց կուզենար նախազգուշացնել այրուն, բայց գիտեր, որ չի համարձակվի․ կարող էին իրեն բռնել։ Այդ բոլորը և ավելին տղան մտածեց այն վայրկյանին, երբ օտարականը խոսեց, իսկ Հնդկացի Ջոն պատրաստվեց պատասխանելու։
Վերջինս ասաց․
― Մացառը խանգարում է քեզ։ Այս կողմից նայիր, տեսնո՞մ ես։
― Այո, տեսա․ երևի հյուրեր ունի։ Ավելի լավ է այս գործից ձեռք քաշենք։
― Ձեռք քաշե՞լ, երբ այս երկրից ընդմիշտ հեռանում եմ։ Ձեռք քաշե՞լ։ Գուցե մի ուրիշ առիթ այլևս չունենամ։ Քեզ նորից ասում եմ, ինչպես նախօրոք ասել եմ։ Նրա փողն ինձ պետք չէ․ կարող ես ինքդ վերցնել։ Բայց ամուսինը վիրավորել է ինձ, շատ է վիրավորել, հատկապես, երբ հաշտարար դատավոր էր։ Նա ինձ, որպես շրջմոլիկի դատել է։ Եվ դա դեռ բոլորը չէ։ Դա միլիոներորդն էլ չէ։ Նա ինձ մտրակել է տվել, մտրակել է տվել բանտի առաջ, հասկանո՞ւմ ես։ Բախտ ունեցավ մեռնելու։ Բայց ես տեղը կնոջից կհանեմ։
― Օ՜, մի սպանիր նրան, մի սպանիր։
― Սպանե՞լ։ Ո՞վ սպանելու մասին խոսեց։ Ես կսպանեի ամուսնուն, եթե այնտեղ լիներ, բայց ոչ կնոջը։ Երբ ուզում ես կնոջից վրեժ լուծել, դու նրան մի սպանի։ Ի՞նչ կարիք կա։ Դու նրան տգեղացրու․ քիթը կտրիր, ականջները։
― Աստված իմ, դու․․․
― Կարծիքդ քեզ պահիր։ Քեզ համար ավելի ապահով կլինի։ Ես նրան մահճակալին կկապեմ։ Եթե արնաքամ լինի, մի՞թե իմ հանցանքն է։ Լաց չեմ լինի, եթե մահանա։ Բարեկամս, դու ինձ այս գործում պիտի օգնես, թե չէ էլ ինչո՞ւ էի քեզ այստեղ բերում։ Մեն֊մենակ գուցե չկարողանամ գործը գլուխ բերել։ Եթե վախկոտություն անես, կսպանեմ քեզ, հասկանո՞ւմ ես։ Եվ եթե ստիպված լինեմ սպանել քեզ, կսպանեմ նաև նրան, հետո ոչ ոք չի իմանա, թե ո՞վ է այս գործն արել։
― Լավ, եթե պետք է, շուտ անենք, ինչքան արագ, այնքան լավ։ Ես ամբողջ մարմնով դողում եմ։
― Հիմա՞, երբ մոտը հյուրեր կան։ Լսիր, ես կասկածոտ եմ դառնում, հասկանո՞ւմ ես։ Ոչ, կսպասենք, մինչև լույսերը հանգչեն։ Շտապելու կարիք չկա։
Հեքը զգաց, որ լռություն է տիրելու։ Իսկ դա ավելի սարսափելի էր, քան մարդասպանական որևէ զրույց։ Նա շունչը պահեց և մի քայլ ետ գնաց։ Ոտքն զգուշությամբ գետին դրեց և ետ քայլեց, նախապես շոշափելով այն տեղը, ուր պետք է կանգներ։ Նույն զգուշությամբ նա մյուս ոտքը ետ քաշեց, մի քայլ էլ ետ գնաց, հետո մի ուրիշը, մի ուրիշը, մինչև ոտքի տակ մի ճյուղ ջարդվեց։ Տղայի շունչը կտրվեց և նա ականջ դրեց։ Ոչ մի ձայն։ Կատարյալ լռություն էր տիրում։ Անչափ ուրախացավ։ Այժմ զգուշորեն, նավի նման, շուռ եկավ թփուտների արանքում և արագացրեց քայլերը։ Երբ քարհանք հասավ, իրեն ապահով զգաց և սկսեց վազել, որքան ոտքերում ուժ ուներ։ Ներքև շտապեց՝ մինչև հասավ ուելսեցու դուռը։ Դուռը բախեց։ Լուսամուտից դուրս ցցվեցին ծերունու և նրա երկու հաղթանդամ տղաների գլուխները։
― Այդ ի՞նչ աղմուկ է։ Ո՞վ է դուռը ծեծում։ Ի՞նչ ես ուզում։
― Ինձ շուտ ներս թողեք։ Ես ամեն ինչ կպատմեմ։
― Իսկ ո՞վ ես դու։
― Հեքլբերի Ֆինը, շուտ, ինձ ներս թողեք։
― Հեքլբերի Ֆին, իսկապես։ Դա այնպիսի մի անուն չէ, որ դռները բացվեն նրա առաջ, բայց թե ներս թողնենք, տղաներ։ Տեսնենք ի՞նչ է պատահել։
― Խնդրում եմ, ոչ ոքի չհայտնեք իմ ասելիքը։ ― Սրանք եղան Հեքի առաջին խոսքերը, երբ ներս մտավ։ ― Խնդրում եմ չասել, ինձ կսպանեն, բայց այրին ինձ հետ լավ է վարվել և ես ուզում եմ ասել։ Կասեմ, եթե խոստանաք, որ երբեք չեք ասի, թե ես եմ ասել։
― Ազնիվ խոսք, ասելու բան ունի, թե չէ այդպես չէր վարվի, ― բացականչեց ծերուկը։ ― Ասա, և մեզնից ոչ ոք ուրիշի չի ասի, մանչուկ։
Երեք րոպե հետո ծերունին և նրա որդիները, զինված, բարձրանում էին բլուրն ի վեր, ոտքի մատների վրա մտնում թփուտները՝ զենքները ձեռքներին պատրաստ։ Հեքը ավելի հեռու չուղեկցեց նրանց։ Թաքնվեց մի մեծ քարի ետև և ականջները սրեց։ Տիրեց երկար, ճնշող լռություն, հետո հանկարծ լսվեցին կրակոցներ և մի ճիչ։ Հեքը ավելի մանրամասնությունների չսպասեց։ Նա վեր թռավ և բլուրն ի վար արագ վազեց, այնքան արագ, ինչքան ուժ ուներ։
Գլուխ XXXI
Կիրակի օրը, լույսը բացվելուն պես Հեքը բլուրն ի վեր բարձրացավ և կամացուկ բախեց ծեր ուելսեցու դուռը։ Տնեցիները քնած էին, բայց այնպիսի քնով, որը մազից էր կախված գիշերվա հուզումնալից անցուդարձի պատճառով։ Լուսամուտից մի ձայն լսվեց․
Հեքը վախեցած ձայնով, կամացուկ պատասխանեց․
― Խնդրեմ, ներս թողեք ինձ․ Հեք Ֆինն եմ։
― Դա մի անուն է, որ կարող է այս դուռը բացել գիշեր թե ցերեկ։ Բարի գալուստ, տղա։
Այս խոսքերը տարօրինակ հնչեցին թափառաշրջիկ տղայի ականջին։ Ավելի դուրեկան խոսք նա իր կյանքում դեռևս չէր լսել։ Չէր հիշում, որ նման խոսքեր մինչ այդ իր հասցեին գործածված լինեին։
Դուռն արագ բացվեց, և նա ներս մտավ։ Հեքին մի աթոռ տվեցին, և ծեր մարդն ու նրա բարձրահասակ տղաները շտապ հագնվեցին։
― Այժմ, տղաս, կարծում եմ, որ դու լավ քաղցած կլինես։ Նախաճաշը շուտով պատրաստ կլինի։ Իսկ երբ արևը բարձրանա, մենք տաք ճաշ կունենանք, ապահով եղիր։ Ես ու իմ տղաները կարծում էինք, թե դու կվերադառնաս և գիշերը այստեղ կմնաս։
― Ես սարսափելի վախեցած էի, ― ասաց Հեքը, ― և փախա։ Ես վազեցի, երբ սկսեցին կրակել։ Կանգ չառա, մինչև անցա երեք մղոն տարածություն։ Եկա, որովհետև ուզեցի իմանալ, թե ինչ եղավ։ Արշալույսից առաջ եկա, որովհետև չէի ուզում հանդիպել այդ սատանաներին, նույնիսկ եթե մահացած լինեին։
― Այո, խեղճ երեխա, երևում է, որ ծանր գիշեր ես անցկացրել։ Այստեղ մի անկողին կա քեզ համար, որտեղ կարող ես քնել նախաճաշից հետո։ Ինչ վերաբերում է նրանց, ոչ, նրանք չեն մահացել, և դրա համար մենք բավական ցավում ենք։ Քո նկարագրածով մենք լավ գիտեինք, թե որտեղ կարող էինք բռնել նրանց։ Զգուշությամբ մոտեցանք։ Նրանցից հեռու էինք տասնհինգ ոտնաչափ միայն։ Թփուտի միջով անցնող արահետը շատ մութն էր։ Հենց այդ պահին զգացի, որ պետք է փռշտամ։ Ամենավատ բախտն էր դա։ Ես փորձեցի ինձ զսպել, բայց անօգուտ․ փռշտոցը գալու վրա էր և նա եկավ։ Հրացանը ձեռքիս ես առջևումն էի, և երբ փռշտոցը սկսվեց, այդ սրիկաները դուրս թռան ու ճանապարհով փախան։ Ես բղավեցի․ «Կրակեցեք տղաներ»։ Կրակեցի այն տեղի վրա, որտեղից նրանց ձայնը լսվեց։ Նույնն արեցին տղաները։ Բայց սրիկաները փախան, և մենք վազեցինք նրանց ետևից մինչև անտառ։ Կարծում եմ, որ մենք վրիպեցինք։ Երբեմն նրանք էլ էին կրակում փախչելիս, բայց գնդակները սուլելով անցնում էին մեր կողքով և մեզ ոչ մի վնաս չպատճառեցին։ Երբ ոտնաձայները լռեցին, հետապնդումը դադարեցրինք, իջանք ներքև, ոստիկաններին ոտքի հանեցինք։ Նրանք մի խումբ ուղարկեցին գետափը հսկելու։ Լույսը բացվելուն պես շերիֆն ու նրա խումբը գնալու են անտառները խուզարկելու։ Իմ տղաները նրանց հետ են լինելու։ Ես կցանկանայի այդ աղվեսների նկարագրությունն ունենալ։ Դա շատ կօգներ, բայց կարծում եմ, որ մթան մեջ նրանց դեմքը տեսած չես լինի, հա՞։
― Չէ, ես նրանց քաղաքում տեսա և հետևեցի։
― Հրաշալի է։ Նկարագրիր, նկարագրիր տղաս։
― Մեկը մունջ ու համր ծեր իսպանացի է, որ այս կողմերում մի քանի անգամ եղել է, մյուսը՝ պատառոտված շորերով, տգեղ․․․
― Այդքանը բավական է, տղաս, ճանաչեցի դրանց։ Այրու տան ետևի անտառում մի անգամ հանդիպեցի, և նրանք մի կողմի վրա փախան։ Այժմ գնացեք, տղաներ, և այս բոլորը հայտնեցեք շերիֆին։ Կնախաճաշեք վաղը։
Ուելսեցու տղաներն անմիջապես մեկնեցին։ Երբ նրանք սենյակից դուրս էին գալիս, Հեքը վեր թռավ և բացականչեց․
― Խնդրում եմ, ոչ ոքի չասեք, որ ես եմ նրանց մատնել, խնդրում եմ։
― Շատ լավ, եթե այդպես ես ուզում, Հեք, բայց դու քո արածի պատիվը պետք է ստանաս։
― Օ՜, ոչ, ոչ, խնդրում եմ, մի ասեք։
Երիտասարդների գնալուց հետո ծեր ուելսեցին ասաց․
― Նրանք չեն ասի, ես էլ չեմ ասի։ Բայց ինչո՞ւ չես ուզում, որ իմացվի։
Հեքը ավելին չբացատրեց։ Նա ասաց միայն, որ դրանցից մեկի մասին ինքն արդեն շատ բան գիտե։ Թող այդ մարդը չիմանա, որ ինքը նրա մասին բան գիտե։ Նա դրա համար անպայման կսպանի իրեն։
Ծեր մարդը մի անգամ էլ խոստացավ գաղտնապահ լինել և ասաց․
― Ինչպե՞ս եղավ, որ դու այս մարդկանց հետևեցիր։ Նրանք կասկածելի տե՞սք ունեին։
Հեքը լռեց, մինչև բավական զգույշ մի պատասխան ձևակերպեց։ Հետո ասաց․
― Գիտե՞ք ինչ․ ես թափառաշրջիկ եմ, գոնե բոլորն այդպես են ասում, և ես առարկել չեմ կարող։ Շատ անգամ քուն ու դադար մոռացած՝ մտածում եմ, թե ինչ հնարքով դուրս գամ այդ վիճակից ու նոր ձևով ապրեմ։ Այդպես էլ անցյալ գիշեր։ Քնել չէի կարողանում։ Կեսգիշեր էր։ Փողոցներում թափառում էի, երբ հասա հյուրանոցի մոտ գտնվող աղյուսի պահեստին, հենվեցի պատին նորից մտածելու համար։ Ճիշտ այդ պահին իմ կողքով անցան երկու մարդ՝ թևների տակ մի բան, որ ինձ թվաց գողացված։ Մեկը ծխում էր, իսկ մյուսը կրակ ուզեց։ Հենց իմ կողքին կանգնեցին։ Սիգարեթները լուղավորեցին նրանց դեմքերը, և ես տեսա, որ հաղթանդամը խուլ ու համր իսպանացին էր․ ճանաչեցի ճերմակ մորուքից և աչքի վիրակապից։ Իսկ մյուսը կեղտոտ, գզգզված տեսքով մի սատանա էր։
― Սիգարեթների լույսի տակ կարո՞ղ էիր ցնցոտիները տեսնել։ ― Այդ հարցը Հեքին մի րոպե շփոթեցրեց։ Նա հետո ասաց․
― Ճիշտն ասած, չգիտեմ, բայց կարծես այդպես թվաց։
― Հետո նրանք գնացին, իսկ դո՞ւ․․․
― Նրանց հետևեցի։ Այո, այդպես արեցի։ Ուզեցի իմանալ, թե ինչ էին անելու։ Գողերի պես էին իրենց պահում։ Հետևեցի մինչև այրու ցանկապատը ու մնացի մթան մեջ։ Լսեցի, թե ինչպես ցնցոտիներովը խնդրում էր այրու համար, իսկ իսպանացին երդվում էր, որ այրուն պիտի տգեղացնի, ինչպես ասացի ձեզ, և դուք․․․
― Ի՜նչ, խուլ ու համր մա՞րդն ասաց այդ բոլորը։
Հեքը մի ուրիշ սարսափելի սխալ էր գործել։ Նա աշխատում էր, որ ծերունին ամենափոքր կասկածն անգամ չունենար, թե ո՞վ էր իսպանացին, բայց, ըստ երևույթին, լեզուն նրան փորձանքի մեջ գցեց հակառակ իր կամքի։ Տղան փորձեց այդ դրությունից դուրս գալ, բայց ծերունու հայացքը նրա վրա էր գամված։ Հեքը թույլ տվեց սխալ սխալի ետևից։ Հանկարծ ծերունին ասաց․
― Տղաս, ինձնից մի վախեցիր։ Քո մազի մեկ թելին իսկ չեմ վնասի, եթե ամբողջ աշխարհն էլ ինձ տան։ Ոչ, ես քեզ կպաշտպանեմ, կպաշտպանեմ։ Այդ իսպանացին խուլ ու համր չէ․ արդեն լեզվիցդ թռցրիր և ուղղել չես կարող։ Գաղտնիքն այլևս չես թաքցնի։ Այդ իսպանացու մասին մի բան գիտես, բայց չես ուզում հայտնել։ Վստահիր ինձ, ես քեզ չեմ մատնի։
Հեքը մի պահ նայեց ծերունու ազնիվ աչքերին, հետո առաջ թեքվեց ու նրա ականջին շշնջաց․
― Դա իսպանացի չէ․ դա Հնդկացի Ջոն է։
Ուելսեցին իր աթոռից համարյա վեր թռավ։ Նա քիչ հետո ասաց․
― Այժմ ամեն ինչ պարզ է։ Երբ դու պատմեցիր ականջները և քիթը կտրելու մասին, կարծեցի, թե դա քո ավելացումն է, որովհետև սպիտակ մարդիկ այդ ձևի վրեժ չեմ լուծում։ Բայց հնդկացին բոլորովին այլ հարց է։
Նախաճաշի ժամանակ, զրույցը շարունակվեց։ Ծերունին ասաց, որ քնելուց առաջ ինքն ու տղաները լապտերները վերցրին, զննեցին ցանկապատն ու նրա մոտակայքը՝ արյան հետքերի համար։ Հետք չգտան, բայց գտան մի կապոց․․․
― Կապոց․․․
Եթե բառերը կայծակ լինեին, չէին կարող ավելի հանկարծակի պոռթկալ Հեքի սպիտակած շրթներից։ Այժմ նրա աչքերը նայում էին լայն բացված և նրա շնչառությունը դադարեց՝ պատասխանի սպասելով։ Ուելսեցին նույնպես նայում էր նրան երեք վայրկյան, հինգ վայրկյան․․․ տասը․․․ հետո պատասխանեց․
― Գողի գործիքներով․․․ ի՞նչ, ի՞նչ պատահեց քեզ։
Հեքը ետ ընկավ աթոռին ու թեթևացած, խորը շունչ քաշեց։ Ուելսեցին լրջորեն ու հետաքրքրված նայում էր տղային։ Հետո ասաց․
― Այո, գողի գործիքներ։ Թվում է, թե դա քեզ բավական հանգստացնում է։ Բայց ինչո՞ւ։ Ի՞նչ էիր սպասում, որ մենք գտնեինք։
Հեքը նեղն էր ընկել։ Հարցաքննող աչքերը նրան էին ուղղված։ Նա ամեն ինչ կտար մի խելացի պատասխանի համար։ Ոչ մի բան չգտավ։ Հարցաքննող աչքերն ավելի խորը և խորն էին նայում։ Հեքը անմիտ պատասխան գտավ․ ժամանակ չկար կշռադատելու։ Նա արտասանեց թուլորեն․
― Կիրակնօրյա դպրոցի դասագրքեր, գուցե։
Խեղճ Հեքը այնքան ճնշված էր, որ չկարողացավ ժպտալ, բայց ծերունին բարձր և ուրախ ծիծաղեց, որից գլուխը ցնցվեց։ Նա խոսքն ավարտեց, ասելով, թե նման ծիծաղը փող արժե, որովհետև պակասեցնում է բժշկին տալիք փողը։ Հետո ավելացրեց․
― Խեղճ տղա, գունատ ես և հոգնած, երևի քեզ բոլորովին էլ լավ չես զգում։ Զարմանալի չէ, որ դու թույլ ես և հավասարակշռությունդ կորցրած։ Բայց ոչինչ, կանցնի։ Հանգստացիր, և քունը քեզ կկազդուրի, հույս ունեմ։
Հեքը զայրացած էր, որ այդքան հիմար գտնվեց և այդպիսի հուզում ապրեց։ Լսելով այրու ցանկապատի մոտ եղած խոսակցությունը, նա արդեն հրաժարվել էր այն մտքից, որ հյուրանոցից տեղափոխած ծրարը կարող է գանձ լինել։ Նա միայն կասկածում էր, որ դա գանձը չէ, բայց բոլոր դեպքերում, հաստատ չգիտեր։ Դրա համար էլ ծրարը գտնելու փաստն այնքան ցնցող էր, որ տղան չկարողացավ ինքն իրեն տիրապետել։ Բայց ընդհանրապես նա ուրախ էր․ իմացավ, որ ծրարը այն ծրարը չէր, և նրա սիրտն անսահման հանգիստ էր։ Այժմ թվում էր, թե ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում։ Գանձը պետք է երկրորդ համարում լիներ։ Հանցագործները կձերբակալվեին, նույն օրը կբանտարկվեին, և Հեքն ու Թոմը կարող էին տիրանալ, այդ գիշեր իսկ տիրանալ գանձին՝ առանց փորձանքի մեջ ընկնելու կամ վախենալու, թե մեկնումեկը կարող է խանգարել։
Երբ նախաճաշն ավարտվեց, դուռը բախեցին։ Հեքը վեր թռավ, որ թաքնվելու տեղ գտնի․ չէր ուզում, թեկուզ հեռավոր կապ ունենալ վերջին իրադարձության հետ։ Ուելսեցին ներս հրավիրեց մի քանի տիկինների ու պարոնների։ Դրանց հետ էր նաև այրի Դուգլասը։ Հեքը տեսավ, որ քաղաքացիները խմբերով մագլցում են բլուրն ի վեր, դեպի ցանկապատը։ Ուրեմն լուրը տարածված էր։
Ուելսեցին հյուրերին պատմեց գիշերվա դեպքը։ Այրու երախտագիտությանը սահման չկար։
― Այդ մասին ոչ մի բան մի ասեք տիկին։ Մի ուրիշը կա, որին դուք գուցե ավելի եք պարտական, քան ինձ և իմ տղաներին, բայց նա թույլ չի տալիս իր անունն ասել։ Առանց նրա մենք երբեք ձեր մոտ չէինք գա։
Անշուշտ այս խոսքերը այնպիսի հետաքրքրություն առաջացրին, որ հիմնական հարցը համարյա մոռացվեց։ Բայց ուելսեցին միայն ավելի հետաքրքրեց իր այցելուներին և նրանց միջոցով ամբողջ քաղաքը, որովհետև հրաժարվեց գաղտնիքը հայտնելուց։ Երբ ամեն ինչ պատմվեց, այրին ասաց․
― Ես կարդալով քնել էի և ամբողջ այդ աղմուկի ժամանակ քնած էի։ Ինչո՞ւ չեկաք և ինձ չարթնացրիք։
― Մտածեցինք, որ չարժե։ Այդ մարդիկ ետ եկողներ չէին։ Նրանց մոտ ոչ մի գործիք չէր մնացել․ ի՞նչ միտք ուներ ձեզ արթնացնելն ու մահացու կերպով վախեցնելը։ Իմ երեք նեգր ծառաները ձեր տունը հսկեցին ամբողջ գիշեր։ Նրանք նոր են վերադարձել։
Ուրիշ այցելուներ էլ եկան, և հարկ եղավ մի քանի ժամ պատմել ու վերապատմել նույնը։
Արձակուրդի պատճառով կիրակնօրյա դպրոցը փակ էր, բայց բոլորը կանուխ եկեղեցի էին եկել։ Հուզիչ իրադարձության լուրը տարածվել էր։ Լուրեր եկան, որ սրիկաներից ոչ մեկի հետքը դեռևս չի գտնվել։ Քարոզն ավարտվելուն պես դատավոր Թեչըրի կինը մոտեցավ միսիս Հարպըրին, երբ սա բազմության հետ դուրս էր գալիս և ասաց․
― Իմ Բեքին ամբողջ գիշերը քնե՞լ է։ Երևի սաստիկ հոգնած է։
― Ձեր Բեքի՞ն։
― Այո, ― զարմացած հայացքով ասաց կինը։ ― Անցյալ գիշեր ձեր տանը չմնա՞ց։
― Ոչ։
Միսիս Թեչըրը գունատվեց և նստեց մի նստարանի, երբ մորաքույր Պոլին տաք֊տաք խոսելով իր ընկերուհու հետ, անցավ նրանց մոտով։ Մորաքույր Պոլին ասաց․
― Բարի լույս, միսիս Թեչըր, բարի լույս, միսիս Հարպըր։ Իմ տղան նորից անհետացել է։ Կարծում եմ, որ ձեզանից մեկն ու մեկի տանն է մնացել անցյալ գիշեր, իսկ հիմա վախենում է եկեղեցի գալ, իմանալով, որ իր հետ հաշիվ ունեմ մաքրելու։
Միսիս Թեչըրը թույլ կերպով գլուխն օրորեց և ավելի գունատվեց։
― Նա մեր տանը չէր, ― ասաց միսիս Հարպըրը, սկսելով անհանգստանալ։ Ընդգծված անհանգստություն երևաց նաև մորաքույր Պոլիի դեմքին։
― Ջո Հարպըր, այս առավոտ, իմ Թոմին տեսե՞լ ես։
― Ոչ, տիկին։
― Վերջին անգամ ե՞րբ տեսար նրան։
Ջոն փորձեց հիշել, բայց վստահ ոչինչ ասել չէր կարող։ Մարդիկ դադարեցին եկեղեցում շարժվել։ Փսփսոցներ անցան, և բոլորին տիրեց աճող անհանգստությունը։ Մտահոգ սկսեցին հարցաքննել երեխաներին և երիտասարդ ուսուցիչներին։ Բոլորն ասացին, որ Թոմին ու Բեքիին չէին նկատել գետանցանավի վրա՝ վերադարձին։ Մութ էր, ոչ ոքի մտքով չէր անցել հարցնել, թե պակաս մարդիկ կա՞ն։ Մի երիտասարդ վախ արտահայտեց, թե նրանք գուցե քարանձավումն են։ Միսիս Թեչըրը ուշաթափվեց։ Մորաքույր Պոլին լաց եղավ՝ ձեռքերը կոտրատելով։
Սարսափը բերնեբերան անցավ, խմբից խումբ, փողոցից փողոց, և հինգ րոպե չանցած եկեղեցու զանգերն սկսեցին ուժեղ հնչել։ Ամբողջ քաղաքը ոտքի ելավ։ Քարտիֆ բլրի դեպքը անկարևոր դարձավ, գողերը մոռացվեցին, ձիեր թամբվեցին, նավակներ արձակվեցին և գետանցանավի ետևից մարդ ուղարկվեց։ Մինչ սարսափելի լուրը կես ժամվա հնություն իսկ չուներ, երկու հարյուր մարդ գետի վրայով և ճանապարհներով դեպի քարանձավ դիմեց։
Ամբողջ երկար ետմիջօրեին քաղաքը դատարկ ու մեռած էր։ Բազմաթիվ կանայք այցելեցին մորաքույր Պոլիին, միսիս Թեչըրին և փորձեցին հանգստացնել։ Նրանց հետ լաց եղան, և դա ավելի հանգստացուցիչ էր, քան խոսքերը։
Ամբողջ այդ ծանր գիշերը քաղաքը լուր էր սպասում, բայց երբ վերջապես լույսը բացվեց, միակ լուրը որ եկավ, այս էր․ «Ավելի մոմեր և ուտելիք ուղարկեք»։ Միսիս Թեչըրը գլուխը կորցրել էր, ինչպես նաև մորաքույր Պոլին։ Դատավոր Թեչըրը քաջալերության և հույսի լուրեր ուղարկեց քարանձավից, բայց դրանք իսկական ուրախություն չպատճառեցին։
Լուսադեմին տուն վերադարձավ ծեր ուելսեցին՝ ճարպով պատած, կավի մեջ թաթախված և սաստիկ հոգնած։ Ծերունին Հեքին գտավ նրան տրամադրված անկողնում՝ տենդի մեջ տանջվելիս։ Բոլոր բժիշկները քարանձավում էին, այնպես որ այրի Դուգլասը եկավ հիվանդին խնամելու։ Նա ասաց, որ կանի ինչ կարող է․ Հեքը լավ է, թե վատ, կամ սովորական տղա, միևնույն է, աստծուն է պատկանում, իսկ ինչ աստծուն է պատկանում, արհամարելի չէ։ Ուելսեցին ասաց, որ Հեքը լավ հատկություններ ունի, և այրին պատասխանեց․
― Կարող եք ինձ վստահել։ Նրա վրա աստծո կնիքը կա։ Տերը սրան չի լքի։ Նա երբեք չի լքում։ Իր ստեղծած ամեն արարածի միշտ խնամում է։
Կեսօրից առաջ մարդիկ հոգնած խմբերով սկսեցին քաղաք վերադառնալ, բայց ովքեր դեռևս ուժասպառ չէին եղել, շարունակեցին որոնումը։ Ստացվող միակ լուրը այն էր, որ քարանձավի ամենահեռավոր մասերը խուզարկվում էին, ուր մինչև այդ մարդ չէր այցելել, որ յուրաքանչյուր անկյուն և միջանցք լրիվ նայվում էր և թե այս կամ այն լաբիրինթոսում կրակներ են վառվում, ճիչեր և կրակոցներ են լսվում, խուլ տարածվում կամարների տակ։ Մի տեղ, ուր սովորաբար տուրիստները չէին հասնում, Բեքիի և Թոմի անուններն էին ծխով գրված գտել և կողքին՝ մոմաճարպի կաթիլներով ծածկված մի ժապավեն։ Միսիս Թեչըրը ճանաչեց ժապավենը և վրան լաց եղավ։ Նա ասաց, որ իր աղջկանից մնացած վերջին հիշատակն է դա և ուրիշ ոչ մի հիշատակ չի կարող այդքան թանկ լինել, որովհետև այս ժապավենը ամենավերջումն էր բաժանվել ապրող մարմնից, սարսափելի մահվանից առաջ։ Ոմանք ասացին, թե քարանձավում, հեռվում, երբեմն լույսի շողեր են երևում և հաղթական բացականչություններով մի խումբ մարդիկ խոյանում էին այդտեղ։ Հաջորդում էր սարսափելի հիասթափությունը․ երեխաները այնտեղ չէին։ Դա պարզապես ուրիշ որոնողի լույսն էր։
Երեք օր ու գիշեր անցավ։ Ձգվում էին սարսափելի ժամերը։ Քաղաքն ընկավ անհույս ու բութ վիճակի մեջ։ Ոչ ոք որևէ բանի սիրտ չուներ։ Պատահաբար կատարված այն հայտնագործումը, թե ժուժկալների ընկերության հյուրանոց֊ճաշարանի տերը թաքուն խմիչք է վաճառում, ոչ ոքի չհուզեց, թեև փաստը շատ նշանակալից էր։ Տենդից սթափվելով, Հեքը թույլ ձայնով խոսք բացեց հյուրանոցի մասին և ի վերջո հարցրեց, ավելի վատը սպասելով, թե որևէ բան գտե՞լ են ժուժկալների ճաշարանում իր հիվանդության ընթացքում։
― Այո, ― ասաց այրին։
― Ի՞նչ, ի՞նչ են գտել։
― Խմիչք։ Հյուրանոցը փակվեց։ Պառկիր տղաս, ինչպե՞ս վախեցրիր ինձ։
― Միայն մի բան ասեք ինձ, միայն մի բան, խնդրում եմ։ Թոմ Սոյե՞րն է գտել։
Այրին արտասվեց։
― Լռիր, լռիր տղաս։ Ես քեզ նախապես ասացի, որ դու չպետք է խոսես, դու ծանր հիվանդ ես։
Ուրեմն՝ բացի խմիչքից, ոչինչ չէր գտնված։ Շատ մեծ աղմուկ կլիներ, եթե ոսկի լիներ։ Ուրեմն՝ գանձն ընդմիշտ կորած էր, ընդմիշտ։ Բայց ինչո՞ւ է այրին լաց լինում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է լաց լինում։
Այս միտքը պտտվում էր Հեքի գլխում, մինչև տղան հոգնեց ու քնեց։ Այրին ինքն իրեն ասաց․
― Ահա, քնեց խեղճը։ Թոմ Սոյերն է գտել։ Երանի մեկը Թոմ Սոյերին գտներ։ Ահա այժմ շատ քչերն են մնացել, որ բավարար հույս կամ ուժ ունեն որոնումը շարունակելու։
Գլուխ XXXII
Այժմ վերադառնանք Թոմին ու Բեքիին, տեսնենք, թե ինչպես անցկացրին պիկնիկը։ Մյուսների հետ նրանք շրջեցին մռայլ միջանցքներում, դիտելով քարանձավի ծանոթ հրաշալիքները, որոնք բավական զարմանալի անուններ ունեին՝ «Հյուրասենյակ», «Տաճար», «Ալադինի պալատ» և այլն։ Ապա սկսեցին պահմտոցի խաղալ, և հետզհետե Թոմն ու Բեքին այնքան տարվեցին, այնքան եռանդով ու ոգևորությամբ խաղացին, մինչև հոգնեցին։ Մոմերը բարձր բռնած, քայլեցին ծուռումուռ միջանցքներով՝ կարդալով պատերին, մոմի ծխով ժայռոտ պատերին գրոտած խառնիխուռն անունները, թվականները, հասցեները և իմաստալից նշանները։ Զրուցելով առաջ գնացին, չնկատելով, որ հասել են մի տեղ, ուր պատերի վրա մակագրություններ չկան։ Նրանք իրենց անունները մոմի ծխով գրեցին պատից կախված մի ժայռի վրա և շարունակեցին առաջ գնալ։ Հասան մի տեղ, ուր մի փոքր վտակ ժայռից դուրս գալով և իր հետ տիղմ բերելով՝ դարերի ընթացքում փայլուն քարից կազմել էր Նիագարայի պես մի բան։ Թոմը խցկվեց ջրվեժի ետևի մի նեղ անցքը, որպեսզի իր մոմով լուսավորի այն և ուրախացնի Բեկիին։ Նա տեսավ, որ ջրվեժը ծածկում է երկու քարե պատերի նեղ ճեղքում խրված մի բնական, դիք սանդուխք։ Հանկարծ նրանց տիրեց գյուտ անելու սնափառությունը և նրանք քարի վրա ծխով նշան անելուց հետո գնացին որոնումներ կատարելու։ Քայլեցին պատահական ճանապարհով, խորացան քարանձավի գաղտնի ուղիներում, մի ուրիշ նշան արեցին, շարունակեցին նորություններ որոնել, որպեսզի պատմեն վերևի աշխարհին։ Մի տեղ գտան ընդարձակ քարայր, որի առաստաղից կախված էին բազմաթիվ փայլուն կավաելուստներ՝ ստալակտիտներ՝ մարդու ոտքի երկարությամբ և հաստությամբ։ Նրանք հիացած ու զարմացած շրջեցին ամբողջ քարայրում և դուրս եկան բազմաթիվ անցքերից մեկով։ Շուտով հասան մի ուրիշ աղբյուրի, որի ավազանը ծածկված էր փայլուն բյուրեղազարդերով։ Դա գտնվում էր մի ուրիշ քարայրում, որի պատերը հենված էին զարմանալի սյուների վրա՝ կազմված ստալակտիտներից ու ստալակմիտներից։ Դա արդյունք էր դարեր շարունակ կաթեթող ջրի։ Քարանձավի կամարի տակ բույն էին դրել և իրար գլխի հավաքվել հազարավոր չղջիկներ։ Մոմերի լույսը անհանգստացրեց նրանց և դրանք հարյուրներով դեսուդեն ընկան զզվելի ծվծվոցներ արձակելով և դեպի մոմերը նետվելով։ Թոմը գիտեր նրանց բնավորությունը և հասկանում էր, թե ինչ վտանգ է սպառնում նրանց այդ վարմունքը։ Նա բռնեց Բեքիի ձեռքը և շտապ քաշեց առաջին իսկ պատահած միջանցքը։ Այդ շարժումն այնքան էլ արագ չստացվեց, և մի չղջիկ կպավ Բեքիի լույսին ու թևով հանգցրեց այն, երբ աղջիկը քարանձավից դուրս էր փախչում։ Չղջիկները բավական երկար հալածեցին երեխաներին, բայց փախստականները մտնում էին հանդիպած յուրաքանչյուր անցքի մեջ։ Նրանք ի վերջո ազատվեցին այդ վտանգավոր արարածներից։ Թոմը գտավ ստորերկրյա մի լիճ, որի աղոտ ուրվագծերը կորչում էին խավարում։ Նա ուզեց հետազոտել նրա ափերը, բայց եզրակացրեց, որ ավելի լավ կլինի նախ նստել և մի փոքր հանգստանալ։ Այդ ժամանակ առաջին անգամ խորունկ լռությունն իր ճնշող թաթը դրեց երեխաների տրամադրության վրա։ Բեքին ասաց․
― Այս ի՞նչ բան է, բոլորովին չնկատեցի, բայց հիմա ինձ թվում է, որ երկար ժամանակ է, ինչ մյուսների ձայնը չեմ լսում։
― Մտածիր, Բեքի, այժմ մենք նրանցից բավական ներքև ենք և չգիտեմ՝ ինչքան դեպի հյուսիս կամ հարավ, կամ արևելք, կամ ինչ որ է։ Այստեղից նրանց լսել չենք կարող։
Բեքին անհանգստացավ․
― Տեսնես ինչա՞ն ժամանակ է, որ այստեղ ենք, Թոմ։ Ավելի լավ է վերադառնանք։
― Այո, կարծում եմ, ավելի լավ կլինի։
― Կարո՞ղ ես ճանապարհը գտնել, Թոմ։ Ես ամեն ինչ շփոթել եմ։
― Կարծեմ կարող եմ գտնել, բայց չղջիկները եթե մեր երկուսի մոմերն էլ հանգցնեն, սարսափելի բան կլինի։ Արի մի ուրիշ ճանապարհ փորձենք, որպեսզի նրանց մոտով չգնանք։
― Լավ, բայց հույս ունեմ, որ չենք կորչի։ Դա սարսափելի կլինի։ ― Եվ սարսռաց այդ ահավոր մտքից։
Նրանք մի միջանցքով ճանապարհ ընկան և երկար ժամանակ լռության մեջ շարունակեցին քայլել, յուրաքանչյուր պատահող անցքից նայելով, իմանալու, թե արդոք ծանո՞թ է։ Բայց բոլորն էլ անծանոթ էին։ Ամեն անգամ, երբ Թոմը զննում էր, Բեքին նայում էր նրա դեմքին՝ քաջալերող մի նշան որոնելով, իսկ Թոմը ուրախ֊ուրախ ասում էր․
― Է՛հ, ոչինչ, սա էլ մեր անցածը չէ, բայց շուտով դրան կհասնենք։
Յուրաքանչյուր ձախորդությունից հետո տղայի ինքնավստահությունը նվազում էր։ Վերջապես նա սկսեց պտտվել միջանցքներում ենթադրաբար, այն աղոտ հույսով, թե ուր որ է կգտնի իրենց ուզածը։ Նա դեռ շարունակում էր «ոչինչ» ասել, բայց սրտում արդեն այնպիսի ծանրություն կար, որ խոսքերը կորցրին իրենց անհոգ շեշտը և այնպես հնչեցին, կարծես ասելիս լիներ․ «ամեն ինչ կորած է»։ Բեքին վախից կպել էր նրան և դժվարությամբ ու անհաջող փորձում էր արցունքը զսպել։ Ի վերջո աղջիկն ասաց․
― Օ՜հ, Թոմ, չղջիկները ոչինչ, արի այդ կողմով գնանք։ Ինձ թվում է, որ մենք գնալով կորչում ենք։
Թոմը կանգ առավ։
― Լսիր, ― ասաց նա։
Նորից լռություն։ Լռությունն այնքան խորն էր, որ նույնիսկ իրենց շնչառությունը վախ էր ազդում։ Թոմը գոռաց։ Գոռոցը արձաքանքելով գնաց կամարների տակ և մարեց հեռվում մեղմ ձայնով, որը նման էր ծաղրող ծիծաղի։
― Օ՜, Թոմ, էլ մի գոռա․ շատ է սարսափելի, ― ասաց Բեքին։
― Սարսափելի է, բայց ավելի լավ է, Բեքի։ Նրանք կարող են լսել, գիտե՞ս, ― և նա նորից գոռաց։
«Կարող են» խոսքը ավելի սարսափեցնող սարսափ էր, քան ծաղրող ծիծաղը։ Դրանով նա խոստովանեց իր մարող հույսը։ Երեխաները անշարժ կանգնեցին և ականջները ձայնի պահեցին, բայց ապարդյուն։ Թոմն արագ ետ դարձավ և քայլերն արագացրեց։ Հազիվ մի քիչ ժամանակ էր անցել, երբ նրա շարժումների մեջ զգացվող անվստահությունը Բեքիին թվաց մի ուրիշ ահավոր սպառնալիք․ նա չէր կարողանում վերադարձի ճանապարհը գտնել։
― Օ՜հ, Թոմ, դու ոչ մի նշան չթողեցիր։
― Բեքի, ես այնքան հիմար էի, այնքան հիմար։ Մտքովս չէր անցնում, թե կուզենանք վերադառնալ։ Ո՛չ, ես չեմ կարողանում ճանապարհը գտնել։ Ամեն ինչ իրար է խառնված։
― Թոմ, Թոմ, մենք կորած ենք․ կորած ենք։ Այլևս չենք կարող դուրս գալ այս սարսափելի տեղից։ Օ՜հ, ինչո՞ւ մյուսներից բաժանվեցինք։
Բեքին փուլ եկավ գետնին և սկսեց այնպես հեկեկալ, որ Թոմին թվաց, թե նա սրտաճաք կլինի կամ կխելագարվի։ Թոմը նստեց կողքին, գրկեց նրան։ Աղջիկը դեմքը հպեց տղայի կրծքին, սեղմվեց նրան, հայտնելով իր սարսափը, անսքող զղջումը։ Հեռվից լսվող արձագանքներն այդ բոլորը վերածեցին հեգնող քրքիջի։ Թոմը խնդրեց նորից հուսալ, իսկ աղջիկը պատասխանեց, որ չի կարող։ Տղան սկսեց իրեն նախատել այս թշվառ վիճակին մատնվելու համար։ Սա ավելի արդյունք ունեցավ։ Աղջիկն ասաց, որ կփորձի նորից հուսալ, վեր կկենա և կհետևի տղային, ուր էլ առաջնորդի, եթե միայն այդպես այլևս չխոսի, որովհետև նա իրենից ավելի մեղավոր չէր։
Եվ նրանք նորից շարժվեցին, աննպատակ, պարզապես խարխափելով։ Այն ամենը, ինչ նրանք կարող էին անել, շարժվելն էր։ Որոշ ժամանակ հույսը կարծես վերակենդանանալու վրա էր, չնայած որևէ հիմք չկար։ Դե՛, հույսի էությունը վերակենդանանալն է, եթե մարդ երիտասարդ է և ձախորդություններ քիչ է տեսել։
Մի փոքր անց Թոմը վերցրեց Բեքիի մոմը և հանգցրեց։ Այդ խնայողությունը շատ բան էր նշանակում։ Բառեր պետք չէին։ Բեքին հասկացավ, և նրա հույսը նորից մարեց։ Նա գիտեր, որ Թոմը մի ամբողջական մոմ ուներ, երեք կամ չորսն էլ գրպանում, բայց խնայելը անհրաժեշտ էր համարում։
Մի փոքր անց հոգնությունը սկսեց իրեն զգացնել տալ։ Երեխաները փորձեցին ուշադրություն չդարձնել, որովհետև սարսափելի էր նստելու մասին մտածելը, երբ ժամանակը այնքան թանկ էր ղարձել։ Շարժվել մի ուղղությամբ, որևէ ուղղությամբ՝ առնվազն առաջընթաց էր և կարող էր արդյունք տալ, իսկ նստել նշանակում էր հրավիրել մահը և նրա ճանապարհը կարճել։
Ի վերջո Բեքիի թույլ ոտքերը հրաժարվեցին նրան ավելի հեռուն տանել։ Նա նստեց։ Թոմը նստեց կողքին, և երկուսով խոսեցին տան մասին, իրենց ընկերների, հանգստավետ մահճակալների և այդ բոլորից ավելի՝ լույսի մասին։ Բեքին լաց եղավ, և Թոմը փորձեց մխիթարելու ձև գտնել, բայց նրա բոլոր քաջալերանքներն իզուր անցան և ծաղրի պես հնչեցին։ Հոգնածությունն այնքան ճնշեց Բեքիին, որ նա քնեց։ Թոմը երախտապարտ էր դրա համար։ Նա նստեց ու նայեց աղջկա տխուր դեմքին՝ տեսավ, որ այն գնալով ավելի հանգիստ ու բնական արտահայտություն է ստանում լավ երազների ազդեցության տակ։ Շուտով ժպիտ խաղաց այդ դեմքի վրա։ Անվրդով դեմքը ինչ֊որ խաղաղություն էր բուրում, և տղան մտովի գնաց դեպի անցած գնացած օրերն ու երազային հիշողությունները։ Թոմը խորասուզված էր հիշողությունների մեջ, երբ Բեքին արթնացավ ուրախ ծիծաղով, բայց այդ ծիծաղը սառեց շրթների վրա, և ծիծաղին հաջորդեց արտասուքը։
― Ա՜խ, ինչպե՞ս կարողացա քնել։ Երանի երբեք չարթնանայի։ Ոչ, ոչ, Թոմ, այդպես մի նայիր, էլ չեմ ասի։
― Ուրախ եմ, որ քնեցիր, Բեքի։ Հանգստացար, և մենք դուրս գալու ճանապարհը կգտնենք։
― Կարող ենք փորձել, Թոմ, բայց ես երազումս այնպիսի մի գեղեցիկ երկիր տեսա։ Ես վստահ եմ, որ մենք այդտեղ ենք գնում։
― Գուցե և ոչ, Բեքի, գուցե և ոչ։ Սրտապնդվիր, որ շարունակենք գնալ։
Նրանք վեր կացան և քայլեցին ձեռք֊ձեռքի տված ու անհույս։ Փորձեցին հաշվել, թե ինչքան ժամանակ է որ քարանձավում են գտնվում, բայց թվաց, թե օրեր ու շաբաթներ են անցել, թեև պարզ էր, որ դա ճիշտ լինել չէր կարող․ մոմերը դեռևս չէին սպառվել։
Երկար ժամանակ անցավ, հայտնի չէ, թե ինչքան։ Թոմն ասաց, որ պետք է անձայն քայլել, ականջ դնել հոսող ջրի ձայնին։ Հարկավոր էր մի աղբյուր գտնել։ Շուտով մեկը գտան, և Թոմն ասաց, որ հանգստանալու ժամանակն է։ Երկուսն էկ սոսկալի հոգնած էին, բայց Բեքին ասաց, որ ինքը կարող է մի փոքր էլ գնալ։ Աղջիկը զարմացավ, երբ Թոմը հրաժարվեց։ Նա պատճառը չէր հասկանում։ Նստեցին։ Թոմն իր մոմը կավի օգնությամբ դիմացի պատի վրա ամրացրեց։ Շուտով երկուսն էլ մտածմունքի մեջ ընկան։ Որոշ ժամանակ ոչ մի բառ չարտասանեցին։ Հետո Բեքին խզեց լռությունը․
― Թոմ, ես շատ քաղցած եմ։
Թոմը գրպանից ինչ֊որ բան հանեց։
― Հիշո՞ւմ ես, ասաց նա։
Բեքին համարյա ժպտաց։
― Մեր հարսանեկան գաթան է, Թոմ։
― Այո, երանի տակառի չափ մեծ լիներ, որովհետև մեր միակ ունեցածն է։
― Պիկնիկի ժամանակ ես այն թաքցրի, Թոմ, որպեսզի մեր բարձի տակ դնենք ու երազենք, ինչպես մեծահասակներն են անում հարսանեկան գաթայի հետ, բայց դա կլինի մեր․․․
Նա նախադասությունը կիստ թողեց։ Թոմը գաթան կիսեց, և Բեքին մեծ ախորժակով կերավ, մինչև Թոմը հազիվ ձեռք տվեց իր բաժնին։ Նախաճաշն ավարտելու համար առատ ջուր ունեին։ Քիչ հետո Բեքին առաջարկեց առաջ գնալ։ Թոմը մի րոպե լուռ մնաց , հետո ասաց․
― Բեքի, կարո՞ղ ես դիմանալ, եթե քեզ մի բան ասեմ։
Բեքիի դեմքը գունատվեց, բայց ասաց, որ կդիմանա։
― Լավ ուրեմն, Բեքի, մենք պետք է այստեղ մնանք, ― այստեղ խմելու ջուր կա։ Այս փոքրիկ կտորը մեր վերջին մոմն է։
Բեքին ազատություն տվեց արցունքներին և հեկեկանքներին։ Թոմն ամեն ինչ արեց նրան հագստացնելու համար, բայց քիչ արդյունքի հասավ։ Ի վերջո Բեքին ասաց․
― Թոմ։
― Ասա, Բեքի։
― Նրանք մեզ չեն գտնի և կգան փնտելու։
― Այո, կգան։ Իհարկե, կգան։
― Գուցե հիմա մեզ որոնում են, Թոմ։
― Այո, գուցե որոնում են։ Հույս ունեմ, որ փնտրում են։
― Ե՞րբ կնկատեն նրանք մեր բացակայությունը, Թոմ։
― Ինձ թվում է, երբ նավ վերադառնան։
― Թոմ, այդ ժամանակ կարող է մութ լինել։ Կարո՞ղ է նկատեն, որ մենք չենք վերադարձել։
― Չգիտեմ, բայց բոլոր դեպքերում քո մայրը կփնտրի քեզ, անմիջապես, հենց որ տուն հասնեն։
Բեքիի դեմքի վախեցած արտահայտությունը Թոմին զգաստացրեց, և նա զգաց, որ հիմարություն արեց։ Այդ գիշեր Բեքին տուն չէր գնալու։ Երեխաները լարեցին իրենց լսողությունը և մտածմունքի մեջ ընկան։ Մի պահ հետո Բեքիի վշտի մի ուրիշ արտահայտությունը Թոմին համոզեց, որ նույն բանն է մտածում նաև աղջիկը՝ շաբաթ օրվա առավոտյան ուշ կարթնանան, և միսիս Թեչըրը ուշ կիմանա, որ Բեքին միսիս Հարպըրենց տանը չի եղել։ Երեխաներն իրենց հայացքն ուղղեցին մոմի կտորին։ Նայում էին, թե ինչպես է դա դանդաղ, անգթորեն հալչում, տեսան, որ ի վերջո, կես մատնաչափ է մնացել։ Բոցը բարձրանում էր ու իջնում, բարակ ծուխը վերև էր մագլցում, մի ակնթարթ դանդաղում պատրույգի ծայրին․․․ Հետո տիրեց զարհուրելի խավարը։
Թե ինչքան ժամանակ Թոմի գրկում լաց լինելուց հետո Բեքին դանդաղորեն գիտակցության եկավ, ոչ ոք չէր կարող ասել։ Նրանց ամբողջ իմացածն այն էր, որ շատ երկար թվացող ժամանակից հետո երկուսն էլ արթնացան քնի մահացու թմբրությունից և մի անգամ էլ մտածեցին իրենց թշվառությունների մասին։ Թոմն ասաց, որ կարող է օրը կիրակի լինել, գուցե երկուշաբթի։ Փորձեց Բեքիին խոսեցնել, բայց աղջկա տառապանքը շատ ճնշող էր, նրա բոլոր հույսերը կորած էին։ Թոմն ասաց, որ իրենց բացակայությունը վաղուց նկատած կլինեն, և անկասկած նրանց որոնումները շարունակվում են։ Պետք է գոռալ։ Գուցե և մեկը գա։ Նա փորձեց, բայց մթության մեջ հեռավոր արձագանքներն այնքան զզվելի հնչեցին, որ այլևս չփորձեց։
Ժամեր անցան, և քաղցը եկավ նորից տանջելու։ Թոմի կես գաթայի մի մասը մնացել էր․ բաժանեցին և կերան։ Բայց նախկինից ավելի սուր քաղց զգացին։ Այդ փոքրիկ կտորը ավելի սրեց ուտելու ցանկությունը։
Քիչ հետո Թոմն ասաց․
― Շըշ, լսեցի՞ր։
Երկուսն էլ շունչները պահեցին և ականջ դրին։ Շատ հեռավոր գոռոցի թույլ ձայն լսվեց։ Թոմն անմիջապես պատասխանեց և Բեքիի ձեռքից բռնած առաջնորդելով, միջանցքն ի վար սկսեց գնալ ձայնի ուղղությամբ։ Հետո նորից ականջ դրեց, նորից ձայնը լսվեց և, ըստ երևույթին, մի փոքր ավելի մոտիկից։
― Նրանք են, ― ասաց Թոմը, ― նրանք գալիս են։ Այո, Բեքի, մենք փրկված ենք։
Բանտարկվածների ուրախությունն աննկարագրելի էր։ Նրանք դանդաղ էին առաջ շարժվում, որովհետև ամեն քայլափոխին կարող էր փոս հանդիպել։ Պետք է զգույշ լինեին։ Շուտով մի փոսի հասան և ստիպված եղան սպասել։ Այն կարող էր երեք ոտնաչափ խորություն ունենալ, կարող էր հարյուր ոտնաչափ լինել․ բոլոր դեպքերում պետք չէր այն անցնել։ Թոմը կրծքի վրա պառկեց և ինչքան կարող էր փորձեց հատակին հասնել։ Հատակը չկար։ Պետք է այդտեղ մնային և սպասեին, մինչև որոնողները գային։ Սակայն լսեցին, որ հեռավոր բղավոցները ավելի հեռավոր էին դառնում։ Մի քանի վայրկյան ևս, և դրանք բոլորովին լռեցին։ Ինչ սրտաճմլիկ ձախորդություն։ Թոմն այնքան բղավեց, մինչև ձայնը խզվեց։ Բայց անօգուտ։ Նա Բեքիին հուսադրեց, բայց մտահոգ սպասումի մի դար անցավ և ոչ մի ձայն այլևս չլսվեց։
Խարխափելով, երեխաները վերադարձան աղբյուրի մոտ։ Ժամանակը շատ դանդաղ էր սահում։ Նորից քնեցին և արթնացան քաղցած ու սարսափահար։ Թոմը կարծում էր, որ օրը պետք է երեքշաբթի լինի։
Հանկարծ նրա մտքում մի միտք ծագեց։ Մոտիկ տեղում կողմնակի անցքեր կային։ Ավելի լավ էր դրանցից մի քանիսը հետախուզել, քան պարապ նստած կրել անցնող ժամանակի ծանրությունը։ Նա գրպանից հանեց թռուցիկ կպցնելու թելը, կապեց ժայռի մի դուրս ընկած մասից, և երկուսով ճանապարհ ընկան։ Թոմը գնում էր առջևից, թելը քանդելով։ Քսան քայլ հետո միջանցը ավարտվեց մի փոսով։ Թոմը ծնկի եկավ, շոշափեց ներքևը, հետո և շուրջը, ինչքան կարող էր ձեռքով հասնել։ Փորձեց դեպի աջ մի փոքր էլ ձգվել և այդ պահին, հազիվ քսան յարդ հեռվում, ժայռի ետևից երևաց մարդկային մի ձեռք՝ մի մոմ բռնած։ Թոմը հաղթական մի ճիչ արձակեց, իսկ այդ պահին ձեռքին հետևեց մարմինը․․․ Հնդկացի Ջոյի մարմինը։ Թոմը քարացավ․ շարժվել չէր կարող։ Շատ ուրախացավ, երբ հնդկացին հաջորդ րոպեին թիկունքը դարձրեց և անհետացավ։ Թոմը զարմացավ, որ Ջոն չճանաչեց իր ձայնը, չեկավ իրեն սպանելու դատարանում վկայություն տալու համար։ Ըստ երևույթին արձագանքները կեղծել էին ձայնը։ Անկասկած այդպես եղած կլինի, եզրակացրեց նա։ Վախը թուլացրել էր Թոմի բոլոր նյարդերը։ Նա ինքն իրեն ասաց, որ եթե մինչև աղբյուրը վերադառնալու ուժ ունենա, այնտեղ էլ կմնա, այլևս ոչինչ չի կարող նրան գայթակղել այնպես, որ Հնդկացի Ջոյին հանդիպելու վտանգին ենթարկվի։ Զգուշությունից Բեքիին չհայտնեց իր տեսածը։ Նրան ասաց, որ բղավել էր «բախտը փորձելու» համար միայն։
Բայց ի վերջո քաղցն ու անելանելի դրությունը վախից ավելի զորեղ դուրս եկան։ Աղբյուրի մոտ սպասելուց և քնելուց հետո, նրանց տրամադրությունը փոխվեց։ Երեխաներն արթնացան քաղցից տանջվելով։ Թոմը կարծում էր, որ արդեն չորեքշաբթի կամ հինգշաբթի է, կամ նույնիսկ ուրբաթ կամ շաբաթ, և որոնումը ավարտված կլինի։ Նա առաջարկեց հետախուզել մի ուրիշ միջանցք։ Տղան արդեն պատրաստ էր Հնդկացի Ջոյին հանդիպելու վտանգին և բոլոր մյուս սարսափներին։ Բայց Բեքին շատ թույլ էր։ Նա ընկել էր ծանր հուսահատության մեջ և տեղից բարձրանալ չէր ուզում։ Աղջիկն ասաց, որ այդտեղ էլ կսպասի և շատ չանցած կմահանա։ Նա Թոմին ասեց, որ թելով գնա ու հետախուզի, եթե ցանկանում է, բայց խնդրեց, որ շուտ վերադառնա և հետը խոսի։ Թոմին խոստանալ տվեց, որ երբ սարսափելի ժամը գա, կողքին կնստի և մինչև վերջ ձեռքը կբռնի։ Թոմը համբուրեց նրան ինչ֊որ վատ նախազգացումով և ցույց տվեց, թե իբր թե վստահ է, որ կգտնի որոնողներին կամ քարանձավից դուրս գալու մի ճանապարհ։ Հետո վերցրեց թելը և խարխափելով ու չորեքթաթ գնաց միջանցքով ցած, քաղցից տանջվելով և մոտալուտ վախճանի նախազգացումը սրտում։
Գլուխ XXXIII
Հասավ երեքշաբթի օրվա հետմիջօրեն և մխրճվեց աղջամուղջի մեջ։ Սենտ֊Պիտերսբուրգ ավանը շարունակում էր սգալ։ Կորած երեխաները չէին գտնվել։ Նրանց համար ամբողջ համայնքով աղոթեցին, շատերն աղոթեցին նաև իրենց տներում, այդ աղոթքների մեջ դնելով իրենց ամբողջ հոգին։ Բայց, հակառակ դրանց, քարանձավից ուրախ լուրեր չէին ստացվում։ Որոնողների մեծամասնությունը հուսահատվել էր և վերադարձել էր իր առօրյա զբաղմունքին, ասելով, թե երեխաները գտնվել չեն կարող։ Միսիս Թեչըրը ծանր հիվանդ էր և ժամանակի մեծ մասն անց էր կացնում ուշագնաց վիճակում։ Մարդիկ ասում էին, որ տեսնողի սիրտը կտոր֊կտոր է լինում, երբ նա իր երեխային է կանչում, երբ բարձրացնում է գլուխն ու մի ամբողջ րոպե ականջ դնում, հետո էլի հանկարծ ցած դնում բարձի վրա՝ հառաչելով։ Մորաքույր Պոլին ընկել էր մելամաղձության մեջ, նրա մազերը համարյա լրիվ սպիտակել էին։ Երեքշաբթի գիշեր ավանը քուն մտավ տխուր և անհույս։
Գիշերվա կեսին ավանի զանգերն սկսեցին ուժգին ղողանջել։ Մի վայրկյանում փողոցները լցվեցին կիսահագնված, հուզված մարդկանցով, որոնք բղավում էին․ «Վեր կացեք, դուրս եկեք, գտնվեցին, գտնվեցին»։ Զանգերին ավելացավ թիթեղների աղմուկն ու փողհարությունը։ Բազմությունը շարժվեց դեպի գետն ու հանղիպեց վերադարձող երեխաներին, որոնց մի բաց կառքի մեջ աղմկելով բերում էին քաղաքացիները։ Նրանք միացան դիմավորողներին, ճանապարհ ընկան դեպի քաղաք և հանդիսավոր թափորով, անընդհատ «ուռռա» կանչելով անցան փողոցներով։
Ավանը լուսավորվեց։ Ոչ ոք նորից քնելու չգնաց։ Այդ փոքր քաղաքի տեսած ամենամեծ գիշերն էր դա։ Առաջին կես ժամվա ընթացքում քաղաքի բնակիչները գնացին դատավոր Թեչըրի տունը, համբուրեցին փրկված երեխաներին, սեղմեցին միսիս Թեչըրի ձեռքը։ Փորձում էին խոսել, բայց չէին կարողանում և դուրս էին գալիս արցունք թափելով։
Մորաքույր Պոլիի երջանկությունը գագաթնակետին էր հասել։ Համարյա նույն վիճակումն էր նաև միսիս Թեչըրը։ Նրա ուրախությունը ամբողջական կլիներ, եթե մեծ լուրն ուղարկվեր քարանձավ՝ ամուսնուն։
Թոմը պառկել էր բազմոցին՝ շրջապատված ագահորեն լսող ունկնդիրներով։ Նա պատմեց զարմանալի արկածի պատմությունը, մտածացին մանրամասնություններ ավելացնելով՝ այն գեղեցկացնելու համար։ Վերջում պատմեց, թե ինչպես նա թողեց Բեքիին և գնաց հետախուզության, թե ինչպես անցավ երկու միջանց, ինչքան որ թելը կարող էր հասնել, թե ինչպես գնաց մի երրորդով՝ ամբողջ թելի երկարությամբ և ետ դառնալու վրա էր, երբ հանկարծ շատ հեռավոր մի շող նկատեց, որ նման էր ցերեկային լույսի, թե ինչպես թելը թողեց և շտապեց դեպի այն, ինչպես գլուխն ու ուսերը դուրս հանեց մի փոքր անցքից և տեսավ լայն Միսիսիպին հոսելիս։
Եվ եթե այդ բոլորը պատահեր գիշերը, նա չէր տեսնի ցերեկվա լույսի շողը և այդ անցքը ավելի չէր հետախուզի։ Պատմեց, թե ինչպես վերադարձավ Բեքիի մոտ՝ ուրախ լուրը տալու, և թե ինչպես աղջիկն ասաց, որ այդպիսի բաներով ավելի չտանջի իրեն, որովհետև հոգնած է և գիտե, որ մահանալու է և ուզում է մահանալ։ Թոմը նկարագրեց, թե ինչպես համոզեց նրան, և թե ինչպես Բեքին ուրախությունից քիչ մնաց մեռներ, երբ հասավ այն տեղը և տեսավ ցերեկվա լույսի կապույտ շողը, թե ինչպես ինքը դուրս եկավ և հետո օգնեց Բեքիին, որ դուրս գա, ինչպես նստեցին այդտեղ և ուրախությունից լաց եղան, թե ինչպես մարդկանցով լեցուն մի նավակ էր անցնում, և թե Թոմը ձայն տվեց նրանց ու պատմեց իրենց վիճակը, ասաց, որ քաղցից մահանում են, ինչպես այդ մարդիկ սկզբում չհավատացին այդ զարմանալի պատմությանը, որովհետև նրանք ասացին․ «դուք քարանձավի անցքից հինգ մղոն ներքևում եք», հետո նավակ վերցրին նրանց, մի տուն տարան, ընթրիք տվեցին, երկու թե երեք ժամ հանգստացրին և հետո բերեցին։
Լուսաբացից առաջ դատավոր Թեչըրին և նրանց հետ մնացած մի քանի մարդկանց քարանձավից հանեցին այն թոկերի օգնությամբ, որոնցով կապված էին նրանք և հայտնեցին ուրախալի նորությունը։
Քարանձավում անցկացրած երեք օրվա չարչարանքն ու քաղծածությունը միանգամից չանցան։ Այդ շուտով զգացին Թոմն ու Բեքին։ Ամբողջ չորեքշաբթին ու հինգշաբթին նրանք մնացին անկողնում և գնալով իրենք իրենց ավելի հոգնած ու ավելի հյուծված էին զգում։ Թոմը մի փոքր ոտքի կանգնեց հինգշաբթի օրը, ուրբաթ օրը քաղաք դուրս եկավ և միայն շաբաթ օրը նախկինի պես իրեն լավ զգաց։ Բայց Բեքին մինջև շաբաթ օրը սենյակից դուրս չեկավ․ նա նման էր ծանր հիվանդություն անցկացրած մարդու։
Թոմն իմացավ Հեքի հիվանդության մասին և ուրբաթ օրը գնաց ընկերոջը տեսնելու, բայց չթողեցին հիվանդի մոտ։ Նրան դա չհաջողվեց նաև շաբաթ և կիրակի օրերը։ Հետո ամեն օր թույլ տվեցին, բայց զգուշացրին, որ իր արկածի մասին չպատմի և հուզող բաներից չխոսի։ Այրի Դուգլասը նստում էր նրանց կողքին և հսկում։ Տանը Թոմը լսեց Քարտիֆ բլրի դեպքի մասին, ինչպես նաև այն, որ ցնցոտիներով մարդու մարմինը գտնվել էր նավահանգստի մոտ։ Հավանաբար փախուստի ժամանակ խեղդվել էր։
Քարանձավից ազատվելուց երկու շաբաթ հետո Թոմը նորից գնաց Հեքին այցելելու, որը մինչ այդ լավ կազդուրվել էր և կարող էր զրուցել ու իրեն հետաքրքրող որոշ բաներ լսել։ Դատավոր Թեչըրի տունը Թոմի ճանապարհի վրա էր և նա կանգ առավ Բեքիին տեսնելու։ Դատավորն ու նրա ընկերները սկսեցին Թոմին խոսեցնել, և մեկը կատակով հարցրեց, թե չի՞ ուզում նորից քարանձավ գնալ։ Թոմը պատասխանեց, թե ուզում է, և թե իր համար ոչ մի նշանակություն չունի։
Դատավորն ասաց․
― Քեզ նման ուրիշներն էլ կան, Թոմ, չեմ կասկածում։ Բայց մենք այդ մասին մտածել ենք։ Այլևս ոչ ոք այդ քարանձավում չի կորչի։
― Ինչո՞ւ։
― Որովհետև մեծ դուռը երկաթով փակել եմ տվել երկու շաբաթ առաջ և երեք փակով փակել։ Բանալիներն էլ ինձ մոտ են։
Թոմը սավանի նման սպիտակեց։
― Քեղ ի՞նչ պատահեց, տղա։ Է՜յ, այստեղ եկեք, մի բաժակ ջուր տվեք։ ― Ջուրը բերեցին և Թոմի երեսին ցանեցին։
― Ահա՜, հիմա լավ ես։ Քեզ ի՞նչ պատահեց, Թոմ։
― Օ՜, պարոն դատավոր, Հնդկացի Ջոն քարանձավի մեջն է։
Գլուխ XXXIV
Հինգ րոպեի ընթացքում լուրը տարածվեց, և մարդկանցով լեցուն տասնյակ նավակներ ճանապարհ ընկան դեպի Մակ֊Դուգալի քարանձավը։ Գետանցանավը, ուղևորներով լեցուն, շուտով հետևեց դրանց։ Թոմ Սոյերը դատավոր Թեչըրին տանող նավակի մեջ էր։ Երբ քարանձավի դուռը բացվեց, կիսախավարում տեսան մի վշտալի պատկեր․ Հնդկացի Ջոն փռված էր գետնին, մեռած, դեմքը դռան ճեղքին կպցրած, կարծես ագահ հայացքը մինչև վերջին պահը հառած լիներ դրսի լույսին և ազատ աշխարհի ուրախությանը։ Թոմը զգացվեց, որովհետև փորձով գիտեր, թե ինչքան է տանջվել այդ թշվառը։ Նա խղճաց, բայց միևնույն ժամանակ զգաց ապահովություն ու թեթևություն և միայն այժմ հասկացավ, թե ինչ ծանրություն և մշտական վախ էր նստել սրտի վրա այն օրվանից, երբ ձայնը բարձրացրել էր այս այրունարբու չարագործի դեմ։
Հնդկացի Ջոյի կեռ դանակն ընկած էր կողքին, երկու կտոր եղած։ Նա դռան ետևի տախտակը տաշել էր երկար, բայց ապարդյուն, որովհետև դրսից անցքը փակում էր բնական ժայռը, որի վրա դանակը ոչ մի ազդեցություն գործել չէր կարող։ Միակ վնասը դանակին էր հասել։ Եթե նույնիսկ քարը չխանգարեր, այդ աշխատանքը դարձյալ ապարդյուն էր լինելու, որովհետև ամբողջ տախտակի կտրվելու դեպքում իսկ Հնդկացի Ջոն իր մարմինը չէր կարողանա դռան տակով անցկացնել, և նա այդ գիտեր։ Նա այղ փայտը կտրել էր պարզապես որևէ բան անելու, ձանձրալի, մաշող ժամանակը սպանելու, իր կարողությունները որևէ կերպ գործադրելու համար։ Սովորաբար, քարանձավի առաջին նախասենյակի ճեղքերում մոմի բազմաթիվ կտորներ էին լինում տուրիստների կողմից թողնված, այժմ դրանցից ոչ մեկը չկար։ Բանտարկյալը փնտրել և կերել էր դրանք։ Նա փորձել էր նաև մի քանի չղջիկ բռնել։ Դրանք էլ կերել էր, թողնելով միայն ոսկորները։ Թշվառը սովամահ էր եղել։ Մոտակա մի վայրում դարերի ընթացքում դանդաղորեն գոյանում էր մի ստալակմիտ, գոյանում էր վերևի ստալակտիտից կաթող ջրերրից։ Բանտարկյալը ստալակմիտը ջարդել էր և վրան տեղավորել մի քար, դրա կենտրոնում մի փոքր փոս էր գոյացել, հավաքելու համար թանկագին կաթիլը, որ ժամացույցի կանոնավորությամբ քսան րոպեն մեկ կաթում էր, քսանչորս ժամում կազմելով շատ փոքր քանակություն։ Այդ կաթիլը կաթում էր, երբ բուրգերը նոր էին, երբ Տրոյան ընկավ, երբ Հռոմի հիմքերը դրվեցին, երբ Քրիստոսը խաչվեց, երբ Ուիլյամ աշխարհակալը ստեղծում էր Քրիստոնեական կայսրությունը, երբ Կոլոմբոսը ճանապարհ էր ընկնում, երբ Լեքսինգտոնի մոտի ճակատամարտի լուրերը «նորություն» էին։ Այն կաթում է այժմ, այն պիտի շարունակի կաթել, երբ բոլոր այս բաները պիտի է խորասուզվեն պատմության և տրադիցիայի խորքերում, կուլ գնան մոռացության խավար գիշերվա մեջ։ Մի՞թե ամեն ինչ նպատակ և միսիա ունի։ Արդյո՞ք այս կաթիլը հինգ հազար տարի շարունակվեց կաթել, որպեսզի բավարարի այս մարդկային արարածի կարիքները և արդո՞ք կատարելու մի ուրիշ նպատակ ունի տասը հազար տարի հետո։ Ինչևէ։ Այդ օրվանից անցել են բազմաթիվ տարիներ, երբ դժբախտ խառնածինը ջարդեց քարի ծայրը՝ պահելու համար անգին կաթիլը, բայց մինչև այսօր տուրիստները ամենից երկար դիտում են այդ սրտառուչ քարը և դանդաղ կաթող ջուրը, երբ գալիս են Մակ֊Դուգալի քարանձավի հրաշքները դիտելու։ Հնդկացի Ջոյի բաժակը քարանձավի հրաշալիքների մեջ առաջիններից է։ Նույնիսկ «Ալադինի պալատը» չի կարող մրցել դրա հետ։
Հնդկացի Ջոն թաղվեց քարանձավի մուտքի մոտ։ Նավակներով ու սայլերով յոթ մղոն շրջապատից, քաղաքից, բոլոր ֆերմաներից և բնակավայրերից մարդիկ խուժեցին այդտեղ։ Նրանք բերում էին իրենց երեխաներին, ամեն տեսակի ուտելիքներ և խոստովանում էին, որ նույնքան լավ ժամանակ անցկացրին թաղման ժամանակ, ինչքան լավ ժամանակ կարող էին անցկացնել կախաղանի ժամանակ։
Թաղումը կանխեց մի գործի հետագա ծավալումը․ կառավարիչին ուղարկվեցին խնդրագրեր՝ Հնդկացի Ջոյին ներելու մասին։ Դիմումը շատերն էին ստորագրել։ Բազմաթիվ արցունքոտ և բուռն միտինգներ տեղի ունեցան։ Երիտասարդ կանանց կոմիտեն որոշեց խորունկ վշտով ու սև հագած գնալ կառավարչի մոտ, խնդրել, որ նա ներողամիտ լինի և իր պարտականությունը ոտնատակ տա։ Ենթադրում էին, որ Հնդկացի Ջոն ավանից հինգ հոգի է սպանել, բայց ի՞նչ արած։ Եթե նույնիսկ դա սատանան ինքը լիներ, կգտնվեին բազմաթիվ թուլակամներ, որոնք կստորագրեին ներման դիմումի տակ և արցունքն աչքերին կգնային կառավարչի սիրտը մեղմելու։
Թաղման հաջորդ առավոտյան Թոմը Հեքին տարավ առանձին մի տեղ՝ հետը կարևոր զրույց ունենալու։ Մինչ այդ Հեքը ուելսեցուց և այրի Դուգլասից ամեն ինչ իմացել էր Թոմի արկածի մասին, բայց Թոմն ասաց, որ կա մի բան, ինչի մասին լռել է։ Հենց այդ մասին էլ ուզում էր այժմ խոսել։ Հեքի դեմքը տխրեց։ Նա ասաց․
― Գիտեմ, թե դա ինչ է։ Դու երկրորդ համարը գնացիր, բայց վիսկիից բացի, ոչ մի բան չգտար։ Ոչ ոք ինձ չասաց, թե դու էիր, բայց ես պարզապես գլխի ընկա, որ դու պետք է եղած լինես, երբ լսեցի վիսկիի այդ գործի մասին։ Իմացա նաև, որ փողը չես գտել, որովհետև ինչ֊որ ձևով ինձ կգտնեիր և կպատմեիր, թեկուզ ոչ ոքի ոչինչ չէիր ասում։ Թոմ, ես միշտ զգացել եմ, որ մենք երբեք չէինք կարողանալու այդ բանի տերը դառնալ։
― Ի՞նչ, Հեք, ես այդ հյուրանոցի տիրոջ մասին երբեք չեմ խոսել։ Չե՞ս հիշում, որ նրա հյուրանոցը լավ վիճակումն էր այն շաբաթ օրը, երբ ես պիկնիկի գնացի։ Չե՞ս հիշում, որ դու պետք է այդ գիշեր հսկեիր։
― Ա՛խ, այո, ինձ թվում է, թե մի տարի է անցել։ Դա հենց նույն գիշերն էր, որ ես հետևեցի Հնդկացի Ջոյին մինչև այրու տունը։
― Հետևեցի՞ր։
― Այո, բայց այդ մասին լռիր։ Ես կարծում եմ, որ Հնդկացի Ջոն իր ետևում թողած ընկերներ ունի։ Չեմ ուզում, որ նրանք ինձ նեղություն պատճառեն։ Եթե ես չլինեի, նա այժմ ողջ֊առողջ Տեքսասում կլիներ։
Հետո Հեքը իր ամբողջ արկածը գաղտնի պատմեց Թոմին, որը ուելսեցուց դրա մի մասն էր միայն լսել։
― Լավ, ― ասաց Հեքը նորից վերադառնալով գլխավոր խնդրին, ― ես կարծում եմ, որ համար երկուսի վիսկին գտնողը գտավ նաև փողը։ Բոլոր դեպքերում այն մեզ համար կորած է, Թոմ։
― Հեք, այդ փողը երբեք երկրորդ համարում չի եղել։
― Ի՞նչ, ― Հեքը լրջությամբ զննեց ընկերոջ դեմքը։ ― Թոմ, նորից գտե՞լ ես այդ փողի հետքը։
― Հեք, փողը քարանձավումն է։
Հեքի աչքերը փայլեցին։
― Կրկնիր, Թոմ։
― Փողը քարանձավումն է։
― Թոմ, այժմ երդվիր, ասա «հնդկացու ազնիվ խոսք»։ Կատակո՞ւմ ես, թե լուրջ ես ասում։
― Լուրջ, Հեք, լուրջ, ինչքան կյանքումս երբեք չեմ եղել։ Կգա՞ս ինձ հետ և կօգնե՞ս փողը գտնելու։
― Անշուշր կգամ, կգամ, եթե կարողանանք մտնել և չկորչել։
― Հեք, մենք այդ կարող ենք անել առանց ամենափոքր իսկ վտանգի։
― Շատ լավ։ Ինչի՞ց ես ենթադրում, որ փողը․․․
― Հեք, դու պարզապես սպասիր, մինչև այդտեղ հասնենք։ Եթե չգտնենք, ես համաձայն եմ քեզ տալ իմ թմբուկը և ամեն ինչ, որ աշխարհում ունեմ։ Կտամ, երդվում եմ։
― Շատ լավ, համաձայնեցինք։ Ե՞րբ ենք գնալու։
― Հենց հիմա, եթե կուզես։ Քեզ բավական ուժե՞ղ ես զգում։
― Քարանձավը հեռու է։ Մի քանի օր է, որ ոտքի եմ կանգնել և մի մղոնից ավելի քայլել չեմ կարող։ Թոմ, ինձ այդպես է թվում։
― Այստեղից այնտեղ ճանապարհը հինգ մղոն է ուրիշների համար, բացի ինձնից։ Հեք։ Մի կարճ ճանապարհ կա, որ բացի ինձնից ուրիշ ոչ ոք չգիտե։ Հեք, ես քեզ ուղիղ այդտեղ նավակով կտանեմ։ Մինչև այդտեղ և վերադարձին ես կթիավարեմ։ Դու նույնիսկ գլուխդ շուռ մի տուր։
― Հենց հիմա, անմիջապես ճանապարհ ընկնենք, Թոմ։
― Շատ լավ։ Մեզ հարկավոր է մի քիչ հաց, միս, մեր ծխամորճները, մեկ կամ երկու փոքր տոպրակ, մեկ կամ երկու թռուցիկի թել և ապա այդ նոր հնարած բանից, որ լուցկի են կոչում։ Երբ այնտեղ էի, այնպես էի ուզում դրանցից ունենալ։
Կեսօրից քիչ անց տղաները մի բացակայող քաղաքացուց վերադարձնելու պայմանով վերցրին նավակը և անմիջապես ճանապարհ ընկան։ Երբ «քարանձավի անցքից» մի քանի մղոն ներքև էին, Թոմն ասաց․
― Տեսնո՞մ ես այս թեքությունը, քարանձավից մինչև այստեղ հավասար և միատեսակ է երևում, ոչ տներ, ոչ ծառեր, միատեսակ թփեր։ Բայց տեսնո՞ւմ ես, այնտեղ, որտեղ հողը փուլ է եկել, մի սպիտակ տեղ։ Դա իմ նշաններից մեկն է։ Այժմ ցամաք պիտի իջնենք։
Նրանք ափ դուրս եկան։
― Այժմ, Հեք, քո կանգնած տեղից կարո՞ղ ես գտնել այն անցքը, որտեղից ես դուրս եկա։ Փորձիր, կարո՞ղ ես գտնել։
Հեքը փորձեց, ոչինչ չգտավ։ Թոմը հպարտությամբ մտավ խիտ թփերի մեջ և ասաց․
― Ահա, նայիր դրան, Հեք։ Սա ամենաապահով անցքն է ամբողջ այս երկրում։ Դու այդ մասին ոչ ոքի մի ասա։ Ես միշտ ուզել եմ ավազակ դառնալ և այսպիսի մի տեղի կարիքն եմ զգացել, բայց չեմ կարողացել գտնել։ Այժմ մենք դա ունենք և այդ մասին պիտի լռենք։ Այնտեղ կթողնենք միայն Ջո Հարպըրին և Բեն Ռոջերսին, որովհետև պետք է ավազակախումբ ունենալ, թե չէ ինչի՞ նման կլինի։ Թոմ Սոյերի ավազակախո՜ւմբը։ Հրաշալի է հնչում, չէ՞, Հեք։
― Այո, Թոմ, հրաշալի է։ Եվ ո՞ւմ պիտի թալանենք։
― Օ՜հ, համարյա բոլորին։ Ունևոր մարդկանց։ Ընդհանրապես ձևը այդպես է։
― Եվ սպանե՞նք նրանց։
― Ոչ, ոչ միշտ։ Կպահենք քարանձավում, մինչև փրկագինը չվճարեն։
― Ի՞նչ բան է փրկագինը։
― Փող։ Կստիպենք նրանց, որ ինչքան կարող են հավաքեն իրենց բարեկամներից․ եթե չտան, մի տարի պահելուց հետո կսպանենք։ Ընդհանուր ձևն այդ է։ Այո, կանանց չենք սպանի։ Կբանտարկենք, բայց չենք սպանի։ Նրանք միշտ գեղեցիկ են լինում, հարուստ և սարսափելի վախեցած։ Կվերցնենք ժամացույցները և մյուս զարդերը, բայց միշտ նրանց առաջ գլխարկներս կհանենք ու քաղաքավարի կլինենք։ Գողերից ավելի քաղաքավարի մարդիկ չկան։ Կարող ես որևէ գրքում կարդալ։ Հետո կանայք կսիրեն մեզ և քարանձավում մեկ կամ երկու շաբաթ մնալով, կդադարեն լաց լինելուց, և դրանից հետո, ստիպես էլ, չեն հեռանա։ Եթե դուրս էլ վռնդես, կվերադառնան։ Այդպես է գրված բոլոր գրքերում։
― Իսկապես հրաշալի բան է, Թոմ։ Իմ կարծիքով դա ծովահեն լինելուց լավ է։
― Այո, որոշ իմաստով լավ է, որովհետև մոտ է տանը, կրկեսին և առհասարակ ուրիշ բաների։
Մինչ այդ ամեն ինչ պատրաստ էր, և տղաները՝ Թոմի առաջնորդությամբ, անցքից ներս մտան։ Հասան միջանցքի ծայրը, ամրացրին իրենց թելի կծիկները և առաջ շարժվեցին։ Մի քանի քայլ գնալուց հետո հասան աղբյուրին, և Թոմն ամբողջ մարմնով սարսռաց։ Նա Հեքին ցույց տվեց կրով պատին ամրացված մոմի մնացորդը և նկարագրեց, թե ինչպես ինքն ու Բեքին դիտել էին բոցի պայքարն ու հանգչելը։
Տղաները սկսեցին շշնջալ, որովհետև այդ տեղի լռությունն ու խավարը ճնշում էին նրանց։ Շարունակեցին ճանապարհը, շուտով մտան Թոմի մյուս միջանցքը և հասան «թռչելու տեղին»։ Մոմերի լույսով պարզեցին, որ դա իրականում ոչ թե անդունդ էր, այլ քսանհինգ֊երեսուն քայլ բարձրությամբ կավե գահավեժ վայրէջք։ Թոմը շշնջաց․
― Այժմ քեզ մի բան եմ ցույց տալու, Հեք։
Նա իր մոմը բարձրացրեց և ասաց․
― Նայիր անկյունից այն կողմ, ինչքան կարող ես։ Տեսնո՞ւմ ես։ Վերևի մեծ ժայռի վրա մոմի ծխով է արված։
― Թոմ, խաչ է։
― Իսկ այժմ ո՞րն է երկրորդ համարը «խաչի տակ», հը՞։ Ճիշտ այդտեղ տեսա Հնդկացի Ջոյին՝ մոմը ձեռքին, Հեք։
Հեքը որոշ ժամանակ նայեց խորհրդավոր նշանին և հետո դողացող ձայնով ասաց․
― Թոմ, հեռանանք այստեղից։
― Ի՜նչ, գանձը թողնե՞նք։
― Այո, թողնենք։ Հնդկացի Ջոյի ուրվականը շրջակայքում է, վստահ եմ։
― Ո՛չ, այդպես չէ, Հեք, այդպես չէ։ Նա այնտեղ է լինում, որտեղ մահացել է, քարանձավի մուտքի մոտ, հեռվում, այստեղից հինգ մղոն հեռու։
― Ոչ, Թոմ, նա կթափառի փողի մոտ։ Ես գիտեմ, թե ինչպիսիք են ուրվականները, դու ինքդ էլ գիտես։
Թոմն սկսեց վախենալ, որ Հեքը իրավացի է։ Երկմտանք տիրեց։ Բայց հանկարծ մի միտք ծագեց Թոմի գլխում։
― Լսիր, Հեք, հիմարների պես ենք վարվում։ Հնդկացի Ջոյի ուրվականը չի կարող խաչ եղած տեղի շրջակայքում լինել։
Լավ էր գտնված։ Դա իր ազդեցությունը գործեց։
― Թոմ, ես այդ մասին չէի մտածել։ Բայց ճիշտ ես։ Բախտավոր ենք, որ խաչը կա։ Կարծում եմ, որ պետք է ցած իջնենք և սնդուկը փնտրենք։
Առաջինը Թոմն իջավ և իջնելիս ոտնատեղերով աստիճաններ շինեց կավի մեջ։ Հեքը հետևեց։ Փոքր քարանձավից չորս անցքեր էին բացվում և այդտեղ մի ժայռ էր տնկված։ Տղաները ապարդյուն հետախուզեցին դրանցից երեքը։ Ժայռի հիմքի մոտ եղածի մեջ տղաները գտան մի փոքր նշան․ այդտեղ վերմակներ էին փռված, մի հին կաթսա էր կախված, խոզապուխտի կաշի էր ընկած և երկու կամ երեք հավի լավ կրծած կմախք։ Բայց փողի սնդուկը չկար։ Տղաները այդտեղ որոնեցին նորից ու նորից, բայց ապարդյուն։ Թոմն ասաց․
― Նա ասաց խաչի տակ։ Լավ, սա մոտավորապես ժայռի տակն է։ Չի կարող ժայռի տակ լինել, որովհետև ժայռն ամուր նստած է գետնին։
Նրանք մի անգամ էլ ամեն տեղ փնտրեցին և հետո հուսահատված նստեցին։ Հեքը մի հնար գտնել չէր կարողանում։ Քիչ հետո Թոմն ասաց․
― Այստեղ նայիր, Հեք, ոտնահետքեր և կավի վրա մոմի կաթիլներ են երևում այս ժայռի մի կողմում, բայց ոչ մյուս կողմում։ Դա ինչի՞ համար է։ Գրազ կգամ, որ փողը ժայռի տակն է։ Կավը փորելու եմ։
― Դա վատ նշան չէ, Թոմ, ― ասաց Հեքն աշխուժանալով։
Թոմը «Սոտլո» մարկայի դանակը հանեց և չորս մատնաչափ չէր փորել, երբ տախտակի կպավ։
― Հեք, հե՜յ, լսո՞ւմ ես։
Հեքն սկսեց ինքն էլ մատներով փորել։ Շուտով մի քանի տախտակի հանդիպեցին։ Դրանք ծածկում էին մի բնական անցք, որ ժայռի տակն էր գնում։ Թոմը գլուխը մտցրեց և մոմը երկարեց ինչքան կարող էր ու ասաց, որ չի կարողանում մինչև ծայրը տեսնել։ Նա առաջարկեց հետախուզել։ Կուչ եկավ և առաջ շարժվեց։ Նեղ անցքը դանդաղ իջնում էր։ Նա գնաց նախ դեպի աջ, հետո՝ ձախ․ Հեքը կրնկակոխ հետևում էր։ Թոմը մի կարճ անկյունից թեքվեց և շուտով բացականչեց․
― Աստված իմ, Հեք, այստեղ նայիր։
Դա անկասկած գանձի սնդուկն էր, որ զբաղեցնում էր այդ փոքր քարանձավը։ Կողքին կային վառոդի մի դատարկ արկղ, կաշվե պատյանների մեջ դրած երկու հրացան, երկու կամ երեք զույգ հին մոկասին, մի կաշվե գոտի և այլ անպետք իրեր, որոնք լավ թրջվել էին կաթող ջրից։
― Վերջապես գտանք, ― ասաց Հեքը ձեռքով խառնելով խունացած փողերը, ― Թոմ, մենք հարուստ ենք։
― Հեք, ես միշտ հավատում էի, որ կգտնենք։ Հավատալը շատ լավ է, իսկ այժմ ունենք։ Լսիր, այլևս այստեղ ժամանակ չկորցնենք, արի դուրս հանենք։ Փորձեմ, տեսնեմ, կարո՞ղ եմ սնդուկը բարձրացնել։
Սնդուկը մոտ հիսուն ֆունտ ծանրություն ուներ։ Թոմը կարող էր դժվարությամբ բարձրացնել, բայց տանել չէր կարող։
― Ես այդպես էլ կարծում էի, ― ասաց նա։ ― Այդ օրը ուրվականների տնից նրանք այնպես էին տանում, որ զգացվում էր ծանրությունը։ Ես դա նկատեցի։ Լավ արեցի, որ փողի տոպրակներ բերի։
Շուտով փողը տոպրակների մեջ էր, և տղաները դրանք դուրս բերին խաչավոր ժայռի մոտ։
― Այժմ հրացանները և մյուս իրերը բերենք, ― ասաց Հեքը։
― Ոչ, Հեք, դրանք թող այդտեղ։ Դրանք հենց այն բաներն են, որ պետք պիտի ունենանք, երբ ավազակություն սկսենք։ Մենք դրանք այդտեղ կպահենք․ այնտեղ կպահենք նաև մեր օրգիաները։ Օրգիաների համար հրաշալի, հարմար տեղ է։
― Ի՞նչ բան են օրգիաները։
― Չգիտեմ։ Բայց գողերը միշտ օրգիաներ են ունենում և անշուշտ մենք ևս պետք է ունենանք։ Հեք, այստեղ շատ երկար մնացինք։ Ես կարծում եմ, որ արդեն ուշ է։ Նաև սոված եմ։ Մենք կուտենք և կխմենք նավակում։
Տղաները շուտով մացառուտներից դուրս եկան, զգուշությամբ նայեցին իրենց շուրջը։ Ափը դատարկ գտնելով, արագ մտան նավակ և սկսեցին ուտել, ապա՝ խմել։ Արևը դեպի հորիզոնը թեքվեց։ Նրանք ճանապարհ ընկան։ Թոմը թիավարում էր ցամաքի մոտով և ուրախ շատախոսում Հեքի հետ։ Մթնելուց մի քիչ հետո ափ դուրս եկան։
― Այժմ, Հեք, ― ասաց Թոմը, ― փողը կպահենք այրու մարագի տանիքում։ Առավոտյան կգամ, կհաշվենք և կբաժանենք։ Հետո մարագում մի ապահով տեղ կգտնենք։ Այժմ դու այստեղ նստիր և հսկիր, իսկ ես վազեմ և Բեննի Թեյլըրի ձեռքի սայլակը բերեմ։ Շուտ կվերադառնամ։ Նա անհայտացավ և շուտով վերադարձավ սայլակով։ Երկու փոքր տոպրակները դրեցին սայլակի վրա, ծածկեցին մի քանի ցնցոտիներով և բեռը քաշելով ճանապարհ ընկան։ Հասնելով ծեր ուելսեցու տանը, տղաները կանգ առան հանգստանալու։ Երբ պատրաստվում էին ճանապարհ ընկնել, ուելսեցին դուրս եկավ, կանչեց։
― Հեյ, ո՞վ կա այստեղ։
― Հեքը և Թոմ Սոյերը։
― Հիանալի է։ Ինձ հետ եկեք, տղաներ, դուք բոլորին սպասել եք տալիս։ Դե, շտապեցեք, առաջ անցեք։ Սայլակը ես կքաշեմ։ Վայ, այնքան էլ թեթև չէ։ Ի՞նչ կա մեջը․ աղյուսնե՞ր, թե հին երկաթ։
― Հին երկաթ, ― ասաց Թոմը։
― Այդպես էլ ենթադրեցի։ Այս քաղաքի տղաները ավելի շատ չարչարվում և ավելի շատ ժամանակ են կորցնում հին երկաթ հավաքելով, որի արժեքը վեց սենթ է ձուլարանում, քան կանոնավոր աշխատանք կատարելով, որի համար կրկնակի կստանան։ Բայց դա մարդկային բնավորություն է։ Շտապեցեք, շտապեցեք։
Տղաներն ուզեցին իմանալ, թե ինչո՞ւ են աշխատում։
― Ոչինչ կիմանաք, երբ այրի Դուգլասի տունը հասնեք։
Հեքը, սակայն, երկյուղով նորից հարցրեց, որովհետև նա վաղուց սովորել էր անտեղի կերպով մեղադրվելուն։
― Միստր Ջոնս, մենք ոչ մի վատ բան չենք արել։
Ուելսեցին ծիծաղեց։
― Չգիտեմ, Հեք, չգիտեմ, տղաս։ Այդ մասին ոչինչ չգիտեմ։ Դու և այրին մի՞թե լավ բարեկամներ չեք։
― Այո։ Բոլոր դեպքերում նա ինձ համար լավ բարեկամ է եղել։
― Այդ դեպքում էլ ինչո՞ւ ես վախենում։
Հեքը մտքում դեռ չէր պատասխանել այդ հարցին, երբ նրան Թոմի հետ հրեցին միսիս Դուգլասի հյուրասենյակը։ Միստր Ջոնսը սայլակը թողեց դռան մոտ և նրանց հետևեց։
Հյուրասենյակը պայծառ լուսավորված էր, և ավանի բոլոր հայտնի մարդիկ այդտեղ էին։ Թեչըրները այդտեղ էին, ինչպես նաև Հարպըրները, Ռոջերսները, մորաքույր Պոլին, Սիդը, Մերին, քարոզիչը, խմբագիրը և շատ ուրիշներ, բոլորն էլ իրենց լավագույն զգեստները հագած։ Այրին տղաներին ընդունեց այնպիսի սիրով, ինչպես կարելի էր ընդունել նման տեսք ունեցող արարածների։ Նրանք ծածկված էին մոմի յուղով և կրով։ Մորաքույր Պոլին ամոթից կարմրեց, հոնքերը կիտեց և Թոմին նայելով՝ գլուխն օրորեց։ Բոլոր դեպքերում ոչ ոք տղաների չափ իրեն վատ չզգաց։ Միստր Ջոնսն ասաց․
― Թոմը դեռևս տանը չէր, և ես նրան փնտրելու փորձ չարեցի, բայց նրան գտա իմ տան առաջ և շտապ բերեցի։
― Եվ շատ ճիշտ արեցիք, ― ասաց այրին, ― ինձ հետ եկեք, տղաներ։
Նրանց մի ննջարան տարավ և ասաց․
― Այժմ լվացվեցեք և հագնվեցեք։ Ահա երկու նոր հագուստ, շապիկներ, գուլպաներ, ամեն ինչ լրիվ է։ Դրանք Հեքինն են։ Ոչ, ոչ, շնորհակալություն մի հայտնի, Հեք, միստր Ջոնսը գնեց մեկը, իսկ մյուսը՝ ես։ Երկուսիդ վրայով է։ Հագնվեցեք։ Ներքև եկեք, երբ պատրաստ լինեք։
Նա դուրս եկավ։
Գլուխ XXXV
Հեքն ասաց․
― Թոմ, կարող ենք ներքև սողալ, եթե մի պարան գտնենք։ Լուսամուտը գետնից բարձր չէ։
― Դատարկ խոսք․ ինչո՞ւ ես ուզում փախչել։
― Դե, ես սովոր չեմ այսպիսի հասարակության։ Չեմ կարող տանել։ Ես ներքև չեմ գնա, Թոմ։
― Ուշադրություն մի դարձրու, մեծ բան չէ։ Ես բոլորովին չեմ մտահոգվում։ Քո մասին կմտածեմ։
Երևաց Սիդը։
― Թոմ, ― ասաց նա, ― ամբողջ կեսօրից հետո մորաքույրը քեզ էր սպասում։ Մերին քո կիրակնօրյա զգեստը պատրաստեց, և բոլորը քեզ համար անհանգստանում էին։ Լսիր, շորերիդ վրա կավ ու ճա՞րպ կա։
― Այժմ, միստր Սիդի, դու քո սեփական գործերի մասին մտածիր։ Բայց, այնուամենայնիվ, այս բոլորը ինչի՞ համար է։
― Այրու երեկոներից մեկն է, որ նա միշտ կազմակերպում է։ Այս անգամ ուելսեցու և նրա որդիների պատվին է, որոնք նրան փրկել էին այն նշանավոր գիշերը։ Լսիր, ես կարող եմ կարևոր բան ասել, եթե ուզում ես իմանալ։
― Ասա, ի՞նչ է։
― Ծերուկ Ջոնսը փորձելու է ինչ֊որ բանով զարմացնել մարդկանց, ես այդ մասին իմացա և մորաքույրին որպես գաղտնիք այսօր ասացի։ Կարծում եմ, որ դա այժմ գաղտնիք չէ։ Ամեն մարդ գիտե, այրին նույնպես, թեև ձևացնում է, թե անտեղյակ է։ Միատր Ջոնսը շատ էր ուզում, որ Հեքը այստեղ լինի․ առանց Հեքի նրա մեծ գաղտնիքից բան չէր ստացվի, հասկանո՞ւմ ես։
― Ի՞նչ գաղտնիք, Սիդ։
― Վերաբերում է Հեքին, որը հետևել է գողերին մինչև այրու տունը։ Վստահ եմ, որ միստր Ջոնսը երևակայում է բոլորին զարմացնել, բայց գրազ կգամ, որ շատ տափակ բան է ստացվելու։
Սիդը շատ գոհ քրքջաց։
― Սիդ, այդ դո՞ւ ես բոլորին պատմել։
― Կարևոր չէ, թե ով է պատմել։ Մեկը պատմել է, և դա բավական է։
― Այս քաղաքում, միայն մեկը կա, որ կարող է այդքան ստոր բան անել։ Եվ դա դու ես։ Եթե Հեքի տեղը լինեիր, անմիջապես քաղաք կփախչեիր և ոչ ոքի չէիր պատմի գողերի մասին։ Դու միայն ստոր գործեր կարող ես անել և չես կարող տանել, որ ուրիշներին գովեն լավ վարմունքի համար։ Ահա, ստացիր և շնորհակալություն հայտնիր, ինչպես այրին է ասում։ ― Եվ Թոմը Սիդի ականջը քաշելով, ոտքով խփելով, նրան մինչև դուռը տարավ։ ― Այժմ գնա և եթե համարձակվում ես, պատմիր մորաքրոջը։ Վաղը դրա համար էլ կստանաս։
Մի քանի րոպե անց այրու հյուրերը ընթրիքի սեղանի շուրջն էին։ Տասնյակ երեխաներ, նույն սենյակում, նստել էին մի փոքր սեղանի առաջ՝ օրվա և այդ երկրի սովորության համաձայն։ Հարմար պահին միստր Ջոնսը հակիրճ ճառ ասաց, որով շնորհակալություն հայտնեց իրեն և իր տղաներին ցույց տրված պատվի համար, բայց, ասաց նա, կա մեկը, որի համեստությունը․․․
Եվ այլն, և այլն։ Այդ արկածի մեջ Հեքին վերաբերող գաղտնիքը նա բացեց ծայրահեղ թատերականությամբ, բայց քանի որ դա բոլորի իմացած հայտնագործությունն էր, տպավորությունն այնքան աղմկալից ու ուժեղ չեղավ, ինչպես կարող էր լինել այլ հանգամանքներում։ Այնուամենայնիվ, այրին բավական հաջող զարմացած ձևացավ և շատ գովեստներ և շնորհակալություն հայտնեց Հեքին։ Վերջինս համարյա մոռացավ իր նոր հագուստների և բոլորի ուշադրության թիրախը լինելու անհարմարությունը։
Այրին ասաց, որ ինքը որոշել է Հեքի համար օթևան ստեղծել իր հարկի տակ, կրթության տալ, իսկ այնուհետև փող տրամադրել մի համեստ գործ սկսելու համար։ Այստեղ արդեն առիթն էր, որ Թոմը հանդես գար։ Նա ասաց․
― Հեքը այդ փողի կարիքը չունի։ Հեքը հարուստ է։
Միայն բարեկրթության խստությունը հավաքվածներին պահեց, որպեսզի ծիծաղով չընդունեին այս կատակը։ Բայց լռությունն էլ մի քիչ անհարմար ստացվեց։ Թոմը խզեց այդ լռությունը․
― Հեքը փող ունի։Գուցե դուք չեք հավատում, բայց նա շատ փող ունի։ Կարիք չկա ժպտալու․ ես կարող եմ այն ցույց տալ։ Դուք մի րոպե սպասեցեք։
Թոմը դուրս վազեց։ Ներկաներն իրար նայեցին տարակուսանքով և հետաքրքրությամբ, իսկ Հեքին՝ հարցական, որի լեզուն կապված էր։
― Սիդ, ի՞նչ է պատահել Թոմին, ― ասաց մորաքույր Պոլին, ― նա․․․ ասենք, նրանից գլուխ հանել հնարավոր չէ։ Ես երբեք․․․
Թոմը ներս մտավ տոպրակների ծանրության տակ կքած, և մորաքույր Պոլին չկարողացավ իր նախադասությունն ավարտել։ Թոմը դեղին ոսկիների կույտը թափեց սեղանին և ասաց․
― Ահա, ասում էի ձեզ։ Դրա կեսը Հեքին է պատկանում, կեսը՝ ինձ։
Այդ տեսարանից բոլորի շունչը կտրվեց։ Բոլորը նայում էին։ Մի պահ ոչ ոք չխոսեց։ Հետո բոլորը միաձայն բացատրություն պահանջեցին։ Թոմն ասաց, որ կարող է բացատրել։ Այդպես էլ արեց։ Նրա պատմությունը երկար էր, բայց լեզուն այրող հետաքրքրությամբ։ Բոլորը հմայված լսում էին, և ոչ ոք չէր համարձակվում, դրա հրաշալի ընթացքը ընդհատել։ Ավարտելուց հետո միստր Ջոնսն ասաց․
― Ես կարծում էի, որ այս առթիվ մի փոքր անակնկալ էի պատրաստել, բայց դա այժմ ոչ մի բանի նման չէ, խոստովանում եմ։
Փողը հաշվեցին։ Տասներկու հազարից մի փոքր ավելի էր։ Դա ավելի շատ էր, քան ներկաների միանգամից տեսած որևէ գումար, թեև մի քանի մարդ կալվածքի ձևով ավելի շատ դրամ ունեին։
Գլուխ XXXVI
Ընթերցողը կարող է վստահ լինել, որ Թոմի ու Հեքի անակնկալ բախտը մեծ իրարանցում առաջացրեց Սենտ֊Պիտերսբուրգ փոքրիկ քաղաքում։ Այդպիսի մի մեծ գումար, այն էլ կանխիկ, թվում էր համարյա անհավատալի։ Այդ մասին խոսում էին, դատողություններ անում, տղաներին փառաբանում, մինչև այդ անառողջ հուզմունքից քաղաքացիներից ոմանց դատողությունը խախտվեց։ Սենտ֊Պիտերսբուրգի և շրջակա գյուղերի բոլոր «ուրվականների» տները տակն ու վրա արվեցին տախտակ առ տախտակ, դրանց հիմքերը փորվեցին և ամբողջությամբ խուզարկվեցին՝ պահված գանձը գտնելու հույսով։ Եվ ոչ միայն երեխաները, այլև հասուն մարդիկ, որոնցից ոմանք բավականին լրջախոհ էին, ոչ երազողներ։ Որտեղ Թոմն ու Հեքը երևում էին, նրանց հարգանքով էին ընդունում, հիանում, մատնացույց անում։ Տղաները չէին կարող հիշել, որ իրենց խոսքերը առաջ որևէ կշիռ ունենային, բայց այժմ նրանց ասածները արժեք ունեին և կրկնվում էին։ Նրանց կատարած յուրաքանչյուր արարքը թվում էր առանձնահատուկ և օրինակելի։ Տղաները փաստորեն կորցրել էին հասարակ բաներ անելու և ասելու ուժը։ Ավելին․ նրանց անցյալ կյանքից հիշում էին բաներ, որոնք կրում էին զարմանալի ինքնատիպության նշաններ։ Տեղական մամուլը տպագրեց տղաների կենսագրությունը։
Այրի Դուգլասը Հեքի փողը վեց տոկոսով բանկ դրեց, մորաքույր Պոլիի խնդրանքով Թոմի բաժինը նույն ձևով տնօրինեց դատավոր Թեչըրը։ Տղաներից յուրաքանչյուրն այժմ պարզապես հսկայական եկամուտ ուներ։ Ամեն մի օրվա համար մի դոլար, իսկ կիրակի օրվա համար՝ կես դոլար։ Դա այնքան էր, ինչքան հասնում էր քահանային, ոչ, ավելի ճիշտ, այնքան էր, ինչքան խոստացված էր, բայց այդքանը նա չէր կարող ստանալ։ Այդ հին պարզ ժամանակներում մի դոլարը և մի քառորդը բավական էր բնակարանի, ապրելու, երեխային դպրոց ուղարկելու, ինչպես և հագցնելու և մաքրության համար։
Դատավոր Թեչըրը մեծ կարծիք ուներ Թոմի մասին։ Նա ասում էր, որ սովորական ոչ մի տղա չէր կարողանա իր դստերը քարանձավից դուրս բերել։ Երբ Բեքին հորը գաղտնի ասաց, թե ինչպես Թոմն իր փոխարեն ծեծ էր կերել դպրոցում, դատավորը նկատելի կերպով զգացվեց։ Եվ երբ Բեքին հորը խնդրեց, որ այդ մեծ ստի համար Թոմի հետ խիստ չվարվի, քանի որ դրանով տղան պատիժը հեռացրել և իր վրա էր կենտրոնացրել, դատավորը հիացմունքով հայտարարեց, թե դա ազնիվ և մեծահոգի սուտ է, մի սուտ, որի համար արժե գլուխը բարձր պահել, պատմության մեջ քայլել Ջորջ Վաշինգտոնի հետ ուս֊ուսի։ Այդ ասելիս, Բեքիին թվաց, որ հայրը երբեք այդքան բարձրահասակ չէր եղել, ինչպես այժմ, երբ քայլում էր սենյակում և ոտքերով դոփում հատակը։ Նա անմիջապես դուրս եկավ և այդ բոլորը Թոմին պատմեց։
Դատավոր Թեչըրը հույս ուներ, թե մի օր Թոմին կտեսնի իրավաբան կամ մեծ զինվորական դարձած։ Նա խոստացավ հետևել, որ Թոմն ընդունվի Ազգային զինվորական ակադեմիա, իսկ այնուհետև սովորի երկրի իրավաբանական լավագույն դպրոցում, որպեսզի պատրաստ լինի այդ երկու ասպարեզներից որևէ մեկին կամ երկուսին էլ։
Հեք Ֆինի հարստությունն ու այրի Դուգլասի հովանավորությունը նրան մտցրին հասարակության մեջ, ոչ, քաշեցին, ներս հրեցին, և տղայի տառպանքները համարյա անտանելի դարձան։ Այրու սպասուհիները նրան մաքուր ու կոկիկ էին պահում, մազերը հարդարված ու սանրված, քնեցնում էին գարշելիորեն մաքուր անկողնում, ուր ոչ մի բիծ չկար, որ նա, իբրև վաղեմի ընկերոջ, կրծքին սեղմեր։ Նա պարտավոր էր դանակով և պատառաքաղով ուտել, պարտավոր էր անձեռոցիկ օգտագործել, բաժակ և աման, պարտավոր էր գիրք կարդալ, եկեղեցի գնալ, պարտավոր էր այնպես մաքուր խոսել, որ խոսքը մնում էր բերանում։ Որ կողմը շուռ էր գալիս, քաղաքակրթության արգելքներն ու շղթաները փակում էին նրան, կապում ձեռքերն ու ոտքերը։
Նա քաջաբար տարավ իր դժբախտությունները երեք շաբաթ և հետո մի օր չքացավ։ Քառասունութ ժամ այրին մեծ վշտով փնտրեց նրան։ Հասարակությունը մեծապես հուզված էր․ նրան փնտրեցին բլրի վրա և հովիտներում, գետում փնտրեցին մարմինը։ Երրորդ օրվա առավոտյան Թոմ Սոյերը գնաց նրան որոնելու հին սպանդանոցի ետևում գտնվող դատարկ տակառներում, և դրանցից մեկի մեջ գտավ փախստականին։ Հեքն այնտեղ էր գիշերում։ Նա հենց նոր էր նախաճաշել, կերել էր ինչ֊որ տեղից գողացած թերմուցք և այժմ հանգիստ պառկած՝ ծխամորճ էր քաշում։ Կեղտոտ էր, գզգզված մազերով, հին ցնցոտիներով, որոնք տղային հրաշալի տեսք էին տալիս․ ազատ ու երջանիկ էր․ Թոմն ընկերոջը տակառից դուրս քաշեց, հայտնեց, թե նա ինչ անհանգստություն է պատճառել մարդկանց։ Ստիպեց նրան գնալ։ Հեքի դեմքը կորցրեց դեմքի իր անվրդով գոհունակությունը և տխուր տեսք ստացավ։ Նա ասաց․
― Այդ մասին մի խոսիր, Թոմ։ Փորձեցի, և բան դուրս չեկավ, Թոմ։ Դա ինձ համար չէ․ ես դրան սովոր չեմ։ Այրին բարի է իմ նկատմամբ և սիրալիր, բայց տանել չեմ կարող նրա կարգ ու կանոնը։ Ինձ ստիպում է ամեն առավոտ նույն ժամին վեր կենալ, ստիպում է լվացվել։ Մազերս այնքան սանրեցին, որ գլխիս վրա մազ չմնաց։ Թույլ չի տալիս ցախատանը քնել, ստիպված եմ հագնել այն անիծայլ հագուստները, որոնց մեջ խեղդվում եմ, կարծես դրանց միջով ոչ մի օդ չի անցնում, դրանք այնքան գեղեցիկ են, որ չեմ կարող նստել, պառկել, թավալ գալ։ Ինձ թվում է, որ մի տարի է, ինչ չեմ թավալվել։ Ստիպում են, որ եկեղեցի գնամ, քրտնեմ ու քրտնեմ։ Ատում եմ այդ քարոզները։ Այնտեղ չեմ կարող ճանճ բռնել, չեմ կարող ծխախոտ ծամել։ Ստիպված եմ ամբողջ կիրակի օրը կոշիկ հագնել։ Այրին ուտում է զանգով, քնում է զանգով, վեր է կենում զանգով։ Ամեն ինչ այնպես սարսափելի կանոնավոր է, որ դիմանալ չեմ կարող։
― Ախր բոլորը նույն են անում, Հեք։
― Թոմ, դա իմ բանը չէ։ Բոլորն ուրիշ, ես ուրիշ, չեմ դիմանում։ Սարսափելի է կապված լինելը։ Ուտելիքը հեշտ ու հանգիստ է ձեռք բերվում։ Ես այդ ձևով ուտելուց ոչ մի հաճույք չեմ ստանում։ Պարտավոր եմ թույլտվություն խնդրել ձուկ որսալու համար, պարտավոր եմ թույլտվություն խնդրել լողանալու համար․ ամեն ինչի համար թույլտվություն պետք է խնդրեմ։ Պարտավոր եմ այնպես քաղաքավարի խոսել, որ այլևս խոսել չեմ ուզում։ Ստիպված ամեն օր բարձրանում եմ ձեղնահարկ, մի քիչ հայհոյում, որ բերանիս համն զգամ։ Թե չե կմեռնեմ, Թոմ։ Այրին չի թողնում, որ ծխեմ, չի թողնում հորանջեմ, չի թողնում բարձր խոսեմ, չի թողնում մարդկանց առաջ ծմռկամ ու քորվեմ։ ― Ապա Հեքն առանձնապես վիրավորված ու վշտով շարունակեց․ ― Գրողը տանի, ամբողջ ժամանակ աղոթում է։ Ես այդպիսի կին չեմ տեսել, ատիպված էի փախչել, Թոմ, ստիպված էի։ Մյուս կողմից շուտով դպրոցը բացվելու է, և ես ստիպված պիտի լինեմ գնալ, իսկ դրան արդեմ չեմ դիմանա, Թոմ։ Լսիր, Թոմ, հարուստ լինելը այնքան էլ լավ բան չէ, ինչպես երևում է։ Դա պարզապես նեղություն է, մտահոգություն, քրտինք, քրտինք և մեռած լինելու ցանկություն։ Իսկ այս հագուստները ինձ հարմար են, այս տակառը հարմար է, և ես դրանցից այլևս չեմ բաժանվի։ Թոմ, ես այս անախորժությունների մեջ չէի ընկնի, եթե այդ փողը չունենայի։ Թոմ, իմ բաժինն էլ դու վերցրու և երբեմն֊երբեմն ինձ մի տասսենթանոց տուր, ոչ հաճախ․ ես ոչ մի արժեք չեմ տալիս այն բանին, որ դժվարությամբ չես ձեռք բերում։ Գնա և այրուն իմ կողմից խնդրիր, որ ինձ հանգիստ թողնի։
― Էհ, Հեք, դու գիտես, որ ես չեմ կարող քո փողը վերցնել․ դա ազնիվ վարմունք չի լինի, բացի այդ, եթե դու մի փոքր էլ փորձես, դիմանաս, այդ կյանքը կսկսի քեզ դուր գալ։
― Դո՞ւր գալ․․․ այո, ինչպես կարող է դուր գալ վառվող վառարանի վրա նստելը։ Ոչ, Թոմ, ես չեմ ուզում հարուստ լինել և ապրել այդ անիծյալ տներում։ Ես սիրում եմ անտառներ, գետ, տակառներ և դրանցից չեմ բաժանվի։ Բայց, սատանան տանի, հիմա, երբ ավազակության համար և՛ հրացան ունենք, և՛ քարանձավ, և՛ ամեն ինչ, հանկարծ այդ հիմարությունը մեջտեղ եկավ և ամեն ինչ փչացրեց։
Թոմն օգտվեց հարմար առիթից․
― Լսիր, Հեք, հարուստ լինելը ինձ ավազակ դառնալուց ետ չի պահի։
― Հը՞, դու այդ ճիշտ ես ասաու, Թոմ։
― Այնքան ճիշտ, ինչքան այստեղ լինելս։ Բայց, Հեք, մենք չենք կարող քեզ ավազակախմբում ընդունել, եթե վատ հագած լինես։
Հեքի ուրախությունը մարեց։
― Չե՞ք կարող ընդունել, Թոմ։ Հապա ինչպե՞ս ծովահեն ընդունեցիք։
― Այո, սա ուրիշ բան է։ Ավազակը ծովահենից ավելի բարձր է։ Դա ընդունված բան է։ Մի շարք երկրներում, նրանք ազնվական շատ բարձր աստիճաններ ունեն․ դուքսեր և նման բաներ են։
― Բայց, Թոմ, չէ՞ որ դու միշտ ինձ բարեկամ ես եղել։ Չպետք է դուրս անես, չէ՞, Թոմ։ Դու այդ չես անի, չէ՞, Թոմ։
― Հեք, ես այդ չեմ ուզենա և այժմ էլ չեմ ուզում, բայց մարդիկ ի՞նչ կմտածեն։ Նրանք կասեն․ «Ֆի, Թոմ Սոյերի ավազակախումբ, բավական ցածր մարդիկ կան նրա մեջ»։ Նրանք քեզ նկատի կունենան, Հեք։ Դա քեզ դուր չի գա, ոչ էլ ինձ։
Հեքը որոշ ժամանակ լուռ մնաց․ նրա ներսում պայքար էր տեղի ունենում։ Ի վերջո նա ասաց․
― Լավ, եթե խոստանաս ինձ թույլ տալ, որ միանամ ավազակախմբին, կվերադառնամ այրու մոտ և մի ամիս կփորձեմ հարմարվել։ Գուցե հաջողվի ինձ դիմանալ։
― Շատ լավ, Հեք, դա արդեն լավ է։ Դու արի, սիրելիս, գնանք, իսկ ես այրուն կասեմ, որ մի քիչ պակաս խիստ լինի։
― Կասե՞ս, Թոմ, իսկապես կասե՞ս։ Լավ է։ Եթե որոշ հարցերում մի քիչ մեղմ լինի։ Ես թաքուն կծխեմ և թաքուն կհայհոյեմ, գուցե դիմանամ, կամ պայթեմ։ Ե՞րբ ես ավազակախումբը հավաքելու և կողոպուտը սկսելու։
― Անմիջապես։ Տղաներին գուցե այսօր հավաքենք և այս գիշեր իսկ անենք առաջին արարողությունը։
― Ի՞նչը։
― Առաջին արարողությունը։
― Դա ի՞նչ բան է։
― Երդվելու ենք, որ իրար թև ու թիկունք ենք լինելու և ավազակախմբի գաղտնիքները երբեք չենք հայտնելու, եթե նույնիսկ մեզ կտոր֊կտոր անեն, իսկ եթե մեկը խմբի անդամներից մեկին վիրավորի, մենք նրան ամբողջ ընտանիքով կսպանենք։
― Դա հրաշալի է, դա շատ հրաշալի է, Թոմ, հավատա ինձ։
― Այո հրաշալի է։ Երդումը պետք է կատարվի կեսգիշերին, ամենաթաքուն, ամենաահավոր տեղում։ Ուրվականներով լցված մի վայրը լավագույնը կլինի, բայց բոլոր այդ տեղերը այժմ տակնուվրա են արված։
― Բոլոր դեպքերում, կեսգիշերին լավ է, Թոմ։
― Այո, այդպես է։ Եվ երդումը պետք է կատարվի գերեզմանի վրա ու ստորագրված լինի արյունով։
― Դա արդեն գործ է։ Լսիր, դա ծովահենությունից միլիոն անգամ լավ է։ Ես այրու մոտ կմնամ մինչև հոգիս դուրս գա, Թոմ, եթե կարգին ավազակ դառնամ և բոլորը խոսեն իմ մասին։ Վատահ եմ, որ այրին կհպարտանա ինձ իր տանը ապաստան տալու համար։
Վերջաբան
Այսպես է ավարտվում այս պատմությունը։ Լինելով հատկապես մի երեխայի պատմություն, այստեղ պետք է կանգ առնի․ հնարավոր չէ պատմությունն ավելի շարունակել, առանց դա մի մարդու պատմություն դարձնելու։ Երբ մեկը վեպ է գրում հասուն մարդկանց մասին, նա գիտե, թե որտեղ պիտի ավարտվի, այսինքն՝ ամուսնությամբ, բայց երբ գրվում է երեխաների մասին, պետք է ավարտի այնտեղ, որտեղ ավելի հարմար է։
Այս գրքի կերպարներից շատերը դեռևս ապրում են երջանիկ և հաջողակ։ Մի օր գուցե հարմար թվա գրել մեծահասկների պատմությունը և տեսնել՝ ինչպիսի տղամարդիկ ու կանայք դարձան նրանք։ Դրա համար էլ խոհեմ վարված կլինեմ, եթե նրանց այդ երջանիկ կյանքը առայժմ չպատմեմ։