«Դատավարություն»–ի խմբագրումների տարբերություն
(51 intermediate revisions by 5 users not shown) | |||
Տող 7. | Տող 7. | ||
[[Category: Արձակ]] | [[Category: Արձակ]] | ||
+ | ==Ձերբակալություն։ Զրույց ֆրաու Գրուբախի, հետո ֆրոյլայն Բյուրստների հետ== | ||
− | |||
+ | Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ֊ին, քանի որ նա՝ առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ։ Նրա տանտիրուհու՝ ֆրաու Գրուբախի խոհարարուհին, որն ամեն օր ժամը ութին էր նախաճաշը բերում, այս անգամ չերևաց։ Նման բան երբեք չէր պատահել։ Կ֊ն մի փոքր էլ սպասեց, պառկած տեղից տեսավ իրեն ոչ այնքան հատուկ հետաքրքրասիրությամբ այս կողմը նայող դիմացի շենքի ծեր տիկնոջը և, քիչ անց՝ տարակուսանքի ու քաղցի խառը զգացումով, սեղմեց զանգի կոճակը։ Դուռն իսկույն թակեցին, և ներս մտավ մի տղամարդ, որին Կ֊ն մինչ այդ երբեք չէր տեսել բնակարանում։ Նա նիհար էր, բայց՝ ամրակազմ, հագել էր վրան կիպ նստած, զանազան գրպաններով, ճարմանդներով, ծալքերով, կոճակներով ու գոտիով ծանրաբեռնված ճամփորդական հագուստի նմանվող սև կոստյում, որը, թեև հնարավոր չէր հասկանալ, թե ինչ նպատակի էր ծառայելու այդ ամենը, չափազանց առօրեական ու հարմարավետ էր թվում։ | ||
− | + | ― Ո՞վ եք դուք,― հարցրեց Կ֊ն ու անմիջապես կիսանստեց անկողնում։ Մարդը, սակայն, այնպիսի տեսքով անտեսեց հարցը, կարծես պարտավոր էին նրա հայտնվելու հետ համակերպվել, և իր հերթին սոսկ հարցրեց․ | |
− | + | ||
− | ― Ո՞վ եք դուք,― հարցրեց Կ֊ն ու անմիջապես կիսանստեց անկողնում։ Մարդը, սակայն, այնպիսի տեսքով անտեսեց հարցը, կարծես պարտավոր էին նրա | + | |
― Դո՞ւք էիք զանգողը։ | ― Դո՞ւք էիք զանգողը։ | ||
Տող 37. | Տող 36. | ||
― Արդյոք Ֆրանցը չասա՞ց, որ Դուք պետք է Ձեր սենյակում մնայիք,― գրքից կտրվելով հարցրեց նա։ | ― Արդյոք Ֆրանցը չասա՞ց, որ Դուք պետք է Ձեր սենյակում մնայիք,― գրքից կտրվելով հարցրեց նա։ | ||
− | ― Այո, բայց Դուք ի՞նչ եք ուզում, հարցեց Կ֊ն։ Նրա հայացքը նոր ծանոթից դարձավ դռների մեջ կանգնած Ֆրանց կոչվածի կողմը, հետո՝ նորից հետ։ Բաց պատուհանից կրկին երևաց ծեր կնոջ դեմքը, որ շարունակությունը ևս տեսնել կարողանալու համար իսկական ծերունական հետաքրքրասիրությամբ այժմ մոտեցել էր հանդիպակաց պատուհանին։ | + | ― Այո, բայց Դուք ի՞նչ եք ուզում,― հարցեց Կ֊ն։ Նրա հայացքը նոր ծանոթից դարձավ դռների մեջ կանգնած Ֆրանց կոչվածի կողմը, հետո՝ նորից հետ։ Բաց պատուհանից կրկին երևաց ծեր կնոջ դեմքը, որ շարունակությունը ևս տեսնել կարողանալու համար իսկական ծերունական հետաքրքրասիրությամբ այժմ մոտեցել էր հանդիպակաց պատուհանին։ |
― Ես ուզում եմ ֆրաու Գրուբախին տեսնել,― ասաց Կ֊ն։ Թեպետ երկու անծանոթներն իրենից բավական հեռու էին կանգնած, նա այնպիսի շարժում արեց, կարծես պոկ էր գալիս նրանցից, և ցանկացավ առաջ գնալ։ | ― Ես ուզում եմ ֆրաու Գրուբախին տեսնել,― ասաց Կ֊ն։ Թեպետ երկու անծանոթներն իրենից բավական հեռու էին կանգնած, նա այնպիսի շարժում արեց, կարծես պոկ էր գալիս նրանցից, և ցանկացավ առաջ գնալ։ | ||
Տող 51. | Տող 50. | ||
― Դեռ կհամոզվեք, թե որքան ճիշտ է ասում նա,― ավելացրեց Ֆրանցն ու երկրորդ մարդու հետ միաժամանակ մոտեցավ Կ֊ին։ Հատկապես վերջինս հովանավորի տեսքով բազմանշանակ նայեց Կ֊ին և քանիցս թփթփացրեց նրա ուսին։ Նրանք զննեցին Կ֊ի գիշերազգեստը և հայտնեցին, որ նա այժմ ստիպված կլինի շատ ավելի վատ շապիկ հանգնել, որ իրենք նրա շապիկը մյուս սպիտակեղենի հետ, ի պահ կվերցնեն, և, եթե գործը բարենպաստ ավարտվի, կրկին կվերադարձնեն։ | ― Դեռ կհամոզվեք, թե որքան ճիշտ է ասում նա,― ավելացրեց Ֆրանցն ու երկրորդ մարդու հետ միաժամանակ մոտեցավ Կ֊ին։ Հատկապես վերջինս հովանավորի տեսքով բազմանշանակ նայեց Կ֊ին և քանիցս թփթփացրեց նրա ուսին։ Նրանք զննեցին Կ֊ի գիշերազգեստը և հայտնեցին, որ նա այժմ ստիպված կլինի շատ ավելի վատ շապիկ հանգնել, որ իրենք նրա շապիկը մյուս սպիտակեղենի հետ, ի պահ կվերցնեն, և, եթե գործը բարենպաստ ավարտվի, կրկին կվերադարձնեն։ | ||
− | ― Ավելի լավ է Ձեր իրերը վստահեք մեզ, ինչպես պահասենյակում,― | + | ― Ավելի լավ է Ձեր իրերը վստահեք մեզ, ինչպես պահասենյակում,― առաջարկեցին նրանք։― Բայց պահասենյակում շատ հաճախ են յուրացումներ լինում, և, դրանից բացի, որոշ ժամանակ անց այնտեղ բոլոր իրերը վաճառվում են, առանց հաշվի առնելու՝ արդյոք հետաքննությունը ավարտվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ ի՜նչ երկար են տևում նմանատիպ դատավարությունները հատկապես վերջերս։ Այնուհետև Դուք, համենայնդեպս, իրերի վաճառքից հետո կստանաք Ձեր հասույթը, սակայն գումարն իրենից մեծ բան չի ներկայացնի, որովհետև վաճառքի ժամանակ հաշվի է առնվում ոչ թե առաջարկի չափը, այլ՝ կաշառքինը, և հետո՝ փորձը ցույց է տալիս, որ հասույթները գնալով նվազում են, երբ նրանք տարեցտարի ձեռքից֊ձեռք են անցնում։ |
− | Կ֊ն հազիվ թե ուշադրություն էր դարձնում այս խոսքերին։ Նա այնքան էլ բարձր չէր դասում իրերը տնօրինելու իրավունքը, որ դեռ ուներ թերևս։ Նրա համար այժմ շատ ավելի կարևոր էր սեփական դրության մեջ պարզություն մտցնելը, սակայն այդ մարդկանց ներկայությամբ նա բնավ չէր կարող մտածել, որովհետև երկրորդ պահակը (նրանք միայն պահակներ կարող էին լինել) փորով, իբր թե բարեկամաբար, շարունակում էր խփել իրեն, իսկ երբ Կ֊ն վեր էր նայում, միայն մեծ, կողքի թեքված քթով, հաստ մարմնին բնավ չհամապատասխանող ոսկրոտ, չոր դեմք էր տեսնում և զգում էր, որ նրանք իր գլխի վրայով ինչ֊որ բան են պայմանավորվում։ Ի՞նչ մարդիկ էին սրանք, ի՞նչ գերատեսչության էին պատկանում, ինչի՞ մասին էին խոսում։ Ախր Կ֊ն քաղաքացի է իրավական մի պետության, ուր ամեն տեղ կարգուկանոն է տիրում, բոլոր օրենքները կանգնած են զինվորների նման․ ո՞վ կարող է համարձակվել սեփական բնակարանում հարձակվել նրա վրա։ Նա միշտ հակված էր ամեն բան որքան հնարավոր է տանել թեթև, հավատալ վատին, միայն երբ այն իրոք վրա էր հասնում, և նույնիսկ եթե վտանգ էլ սպառնար, ապագայի համար հոգ չէր տանում։ Այս անգամ, սակայն, դա նրան ճիշտ չթվաց։ Իհարկե, կարող էր պատաhել, որ այստեղ տեղի ունեցող տեսարանը կատակ լիներ, մի կատակ, որ չգիտես ինչու (գուցե այսօր լրացող երեսնամյակի կապակցությամբ) բանկի գործընկերներն էին կազմակերպել։ Իհարկե, հնարավոր էր։ Միգուցե հարկ լիներ ինչ֊որ կերպ ծիծաղել պահակների երեսին, և նրանք էլ ծիծաղեին իր հետ․ գուցե սրանք փողոցի անկյունում կանգող կարգի պահապաններից էին (այնքան էլ չէին տարբերվում նրանցից), ու եթե այս ամենը կարելի լիներ (թեկուզ կոպիտ) կատակ համարել, այս անգամ արդեն Կ֊ն՝ սկսած պահակ Ֆրանցին առաջին անգամ տեսնելու պահից, վճռել էր նրանց հանդեպ ունեցած առավելությունը փոքր իսկ չափով չզիջել։ Որ հետո կարող էին ասել, թե ինքը կատակ չի հասկանում, դրանում Կ֊ն այնքան մեծ վտանգ չէր տեսնում, ու, թեև կատարված դեպքերից փորձ քաղելը նրան բնորոշ չէր, այնուամենայնիվ, նա հիշում էր իրենց նշանակությամբ անկարևոր մի քանի դեպքերի մասին, երբ ինքը, ի տարբերություն մյուս | + | Կ֊ն հազիվ թե ուշադրություն էր դարձնում այս խոսքերին։ Նա այնքան էլ բարձր չէր դասում իրերը տնօրինելու իրավունքը, որ դեռ ուներ թերևս։ Նրա համար այժմ շատ ավելի կարևոր էր սեփական դրության մեջ պարզություն մտցնելը, սակայն այդ մարդկանց ներկայությամբ նա բնավ չէր կարող մտածել, որովհետև երկրորդ պահակը (նրանք միայն պահակներ կարող էին լինել) փորով, իբր թե բարեկամաբար, շարունակում էր խփել իրեն, իսկ երբ Կ֊ն վեր էր նայում, միայն մեծ, կողքի թեքված քթով, հաստ մարմնին բնավ չհամապատասխանող ոսկրոտ, չոր դեմք էր տեսնում և զգում էր, որ նրանք իր գլխի վրայով ինչ֊որ բան են պայմանավորվում։ Ի՞նչ մարդիկ էին սրանք, ի՞նչ գերատեսչության էին պատկանում, ինչի՞ մասին էին խոսում։ Ախր Կ֊ն քաղաքացի է իրավական մի պետության, ուր ամեն տեղ կարգուկանոն է տիրում, բոլոր օրենքները կանգնած են զինվորների նման․ ո՞վ կարող է համարձակվել սեփական բնակարանում հարձակվել նրա վրա։ Նա միշտ հակված էր ամեն բան որքան հնարավոր է տանել թեթև, հավատալ վատին, միայն երբ այն իրոք վրա էր հասնում, և նույնիսկ եթե վտանգ էլ սպառնար, ապագայի համար հոգ չէր տանում։ Այս անգամ, սակայն, դա նրան ճիշտ չթվաց։ Իհարկե, կարող էր պատաhել, որ այստեղ տեղի ունեցող տեսարանը կատակ լիներ, մի կատակ, որ չգիտես ինչու (գուցե այսօր լրացող երեսնամյակի կապակցությամբ) բանկի գործընկերներն էին կազմակերպել։ Իհարկե, հնարավոր էր։ Միգուցե հարկ լիներ ինչ֊որ կերպ ծիծաղել պահակների երեսին, և նրանք էլ ծիծաղեին իր հետ․ գուցե սրանք փողոցի անկյունում կանգող կարգի պահապաններից էին (այնքան էլ չէին տարբերվում նրանցից), ու եթե այս ամենը կարելի լիներ (թեկուզ կոպիտ) կատակ համարել, այս անգամ արդեն Կ֊ն՝ սկսած պահակ Ֆրանցին առաջին անգամ տեսնելու պահից, վճռել էր նրանց հանդեպ ունեցած առավելությունը փոքր իսկ չափով չզիջել։ Որ հետո կարող էին ասել, թե ինքը կատակ չի հասկանում, դրանում Կ֊ն այնքան մեծ վտանգ չէր տեսնում, ու, թեև կատարված դեպքերից փորձ քաղելը նրան բնորոշ չէր, այնուամենայնիվ, նա հիշում էր իրենց նշանակությամբ անկարևոր մի քանի դեպքերի մասին, երբ ինքը, ի տարբերություն մյուս ընկներների, գիտակցաբար, առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու, ազգույշ էր գործել և այդ պատճառով, ի վերջո, տուժել էր։ Այդ հին պատմություններն այս անգամ այլևս չպետք է կրկնվեին, ու եթե սա կատակերգություն էր, ապա ինքը կուզենար մասնակցել դրան։ Առայժմ ինքն ազատ էր դեռ։ |
― Թույլ տվեք։― Ասաց նա և պահակների արանքով շտապ անցավ իր սենյակը։ | ― Թույլ տվեք։― Ասաց նա և պահակների արանքով շտապ անցավ իր սենյակը։ | ||
Տող 59. | Տող 58. | ||
― Խելամիտ մարդ է երևում։― Լսեց նա իր թիկունքում։ | ― Խելամիտ մարդ է երևում։― Լսեց նա իր թիկունքում։ | ||
− | Սենյակում Կ֊ն դուրս քաշեց գրասեղանի դարակը, ուր ամեն ինչ կանոնավոր կերպով դասավորված էր, սակայն հուզմունքը նրան թույլ չէր տալիս այդ պահին գտնել իր անձի իսկությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։ Ի վերջո նա գտավ վարորդական իրավունքը, ուզեց վերցնել ու գնալ պահակների մոտ, սակայն փաստաթուղթը նրան պակաս կարևոր թվաց, և նա շարունակեց փնտրել, մինչև գտավ ծննդյան վկայականը։ Երբ նորից կողասենյակ վերադարձավ, | + | Սենյակում Կ֊ն դուրս քաշեց գրասեղանի դարակը, ուր ամեն ինչ կանոնավոր կերպով դասավորված էր, սակայն հուզմունքը նրան թույլ չէր տալիս այդ պահին գտնել իր անձի իսկությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։ Ի վերջո նա գտավ վարորդական իրավունքը, ուզեց վերցնել ու գնալ պահակների մոտ, սակայն փաստաթուղթը նրան պակաս կարևոր թվաց, և նա շարունակեց փնտրել, մինչև գտավ ծննդյան վկայականը։ Երբ նորից կողասենյակ վերադարձավ, նույն պահին բացվեց դիմացի դուռը, և ֆրաու Գրուբախը ուզեց ներս գալ։ Նա միայն մի պահ երևաց, որովհետև հազիվ էր Կ֊ին նկատել, մտահոգ տեսքով ներողություն խնդրեց, անհետացավ ու շատ զգույշ փակեց դուռը։ |
− | ― Ներս եկեք։― Դեռ կարող էր ասել Կ֊ն, սակայն | + | ― Ներս եկեք։― Դեռ կարող էր ասել Կ֊ն, սակայն փաստաթղթերը ձեռքին նա կանգնել էր սենյակի մեջտեղում, նայում էր դռան կողմը (դուռն այլևս չբացվեց) և սթափվեց միայն պատուհանի մոտ փոքր սեղանի շուրջ նստած պահակների ձայնից։ Կ֊ն նկատեց, որ նրանք իր նախաճաշն են խփշտում։ |
― Ինչո՞ւ ներս չեկավ,― հարցեց Կ֊ն։ | ― Ինչո՞ւ ներս չեկավ,― հարցեց Կ֊ն։ | ||
Տող 79. | Տող 78. | ||
― Ահա իմ փաստաթղթերը։ | ― Ահա իմ փաստաթղթերը։ | ||
− | ― Մեզ ինչ,― արդեն բղավեց մարմնեղ պահակը։― Դուք երեխայից էլ վատ եք պահում Ձեզ։ Ի՞նչ եք ուզում։ Մեզ՝ պահակներիս հետ փաստաթղթերի ու ձերբակալման հրամանի մասին վիճաբանելով ցանկանում եք Ձեր անիծյալ, ծավալուն դատավարությունը արագ ավարտի՞ հասցնել։ Մենք ենթակա մարդիկ ենք, հազիվ ենք փաստաթղթերի սևը սպիտակից ջոկում և Ձեր գործում ուրիշ անելիք չունենք, քան օրվա մեջ տաս ժամ հսկելն ու դրա համար | + | ― Մեզ ինչ,― արդեն բղավեց մարմնեղ պահակը։― Դուք երեխայից էլ վատ եք պահում Ձեզ։ Ի՞նչ եք ուզում։ Մեզ՝ պահակներիս հետ փաստաթղթերի ու ձերբակալման հրամանի մասին վիճաբանելով ցանկանում եք Ձեր անիծյալ, ծավալուն դատավարությունը արագ ավարտի՞ հասցնել։ Մենք ենթակա մարդիկ ենք, հազիվ ենք փաստաթղթերի սևը սպիտակից ջոկում և Ձեր գործում ուրիշ անելիք չունենք, քան օրվա մեջ տաս ժամ հսկելն ու դրա համար վարձատրվելը։ Այդ է մեր անելիքը, բայց նաև հասկանում ենք, որ վերադաս օրգանները (մենք նրանց ենք ծառայում), նախքան ձերբակալության որևէ հրաման տալը, մանրամասն տեղեկություններ են հավաքում ձերբակալման պատճառի և ձերբակալվող անձի մասին։ Այդ հարցում ոչ մի սխալ չկա։ Մեր գերատեսչությունը, ինչքան ես գիտեմ (իսկ ես միայն ստորին խավին եմ ճանաչում), ժողովրդի մեջ ոչ թե հանցանք է փնտրում, այլ, ինչպես օրենքում է գրված, գործում է հանցանքից դրդված, և պարտավոր է մեզ ուղարկել հսկելու։ Սա է օրենքը, և այստեղ ոչ մի սխալ չի կարող լինել։ |
― Ես այդ օրենքը չգիտեմ,― ասաց Կ֊ն։ | ― Ես այդ օրենքը չգիտեմ,― ասաց Կ֊ն։ | ||
Տող 103. | Տող 102. | ||
Առանց այդ առաջարկին պատասխանելու, Կ֊ն որոշ ժամանակ լուռ կանգնեց։ Եթե ինքը բացեր հաջորդ սենյակի կամ, թեկուզ, նախասենյակի դուռը, երկու պարոնները, երևի չհամարձակվեին խանգարել, և գուցե դա լիներ իր իսկ չափազանցրած հարցի ամենապարզ լուծումը։ Սակայն հնարավոր է նաև, որ բռնեին, և եթե ինքը մի անգամ տապալվեր, ապա կորած կլիներ նաև այն ողջ առավելությունը, որ այժմ ուներ նրանց հանդեպ։ Այդ պատճառով Կ֊ն նախընտրեց դեպքերի բնական ընթացքի տված լուծման հուսալիությունը և, առանց որևէ բան ասելու (պահակները նույնպես լուռ էին), գնաց իր սենյակը։ Նա նետվեց մահճակալին ու լվացարանի վրայից վերցրեց դեռ երեկվա ընթրիքից նախաճաշի համար թողած կարմրաթուշ խնձորը։ Այժմ դա էր նրա միակ նախաճաշը և, ինչպես համոզվեց առաջին խոշոր պատառը կծելուց հետո, ավելի լավն էր, քան կլիներ գիշերային կեղտոտ սրճարանից պահակների ողորմածությամբ բերված նախաճաշը։ Նա իրեն վստահ ու լավ էր զգում։ Թեև մինչև ճաշ բաց էր թողնելու աշխատանքը, սակայն բանկի համեմատաբար բարձր աստիճանավորի համար, որոնցից մեկն ինքն էր, դա ներելի էր։ Արդյոք կարիք կա՞ր ղեկավարությունից ներողություն խնդրել։ Նա մտադիր էր այդպես վարվել։ Եթե հանկարծ չհավատային (մի բան, որ խիստ հնարավոր էր), կարող էր ֆրաու Գրուբախին վկայակոչել կամ թեկուզ դիմացի երկու ծերուկներին, որոնք այժմ երևի գալիս էին Կ֊ի սենյակին դեմհանդիման ընկած պատուհանների կողմը։ Կ֊ն զարմանում էր, հենց թեկուզ պահակների մտածելակերպն էր զարմացնում նրան․ իրեն փակել էին սենյակում և մենակ թողել, մինչդեռ ինքը ինքնասպան լինելու այդքան շատ հնարավորություն ուներ։ Միաժամանակ նա (այս անգամ արդեն սեփական մտքերի ընթացքից ելնելով) ինքն իրենց հարցրեց, թե նման քայլ կատարելու համար ի՞նչ պատճառ կարող է ունենալ։ Որ այն երկուսը նստել էին կողքի սենյակում և ձեռքնե՞րն էին առել իր նախաճաշը։ Ինքնասպան լինելն այնքան անիմաստ բան էր, որ նա, եթե անգամ ուզենար էլ, հենց թեկուզ անիմաստության պատճառով ի վիճակի չէր լինի այդ բանն անել։ Եթե պահակների մտավոր սահմանափակությունն այդ աստիճան ակնառու չլիներ, կարելի կլիներ ենթադրել, թե նրանք էլ, նույն համոզմունքից ելնելով, ոչ մի վտանգ չէին տեսել իրեն մենակ թողնելու մեջ։ Եթե պահակներն այժմ կարողնանային հետևել, կտեսնեին, թե ինչպես Կ֊ն պահարանի կողմը գնաց (այնտեղ լավորակ շնապս էր պահում), առաջին բաժակը խմեց նախաճաշի տեղակ, երկրորդը՝ արիության համար, երրորդը՝ չնախատեսված որևէ դեպքի զգուշավորությունից․ կարող է պետք գար։ | Առանց այդ առաջարկին պատասխանելու, Կ֊ն որոշ ժամանակ լուռ կանգնեց։ Եթե ինքը բացեր հաջորդ սենյակի կամ, թեկուզ, նախասենյակի դուռը, երկու պարոնները, երևի չհամարձակվեին խանգարել, և գուցե դա լիներ իր իսկ չափազանցրած հարցի ամենապարզ լուծումը։ Սակայն հնարավոր է նաև, որ բռնեին, և եթե ինքը մի անգամ տապալվեր, ապա կորած կլիներ նաև այն ողջ առավելությունը, որ այժմ ուներ նրանց հանդեպ։ Այդ պատճառով Կ֊ն նախընտրեց դեպքերի բնական ընթացքի տված լուծման հուսալիությունը և, առանց որևէ բան ասելու (պահակները նույնպես լուռ էին), գնաց իր սենյակը։ Նա նետվեց մահճակալին ու լվացարանի վրայից վերցրեց դեռ երեկվա ընթրիքից նախաճաշի համար թողած կարմրաթուշ խնձորը։ Այժմ դա էր նրա միակ նախաճաշը և, ինչպես համոզվեց առաջին խոշոր պատառը կծելուց հետո, ավելի լավն էր, քան կլիներ գիշերային կեղտոտ սրճարանից պահակների ողորմածությամբ բերված նախաճաշը։ Նա իրեն վստահ ու լավ էր զգում։ Թեև մինչև ճաշ բաց էր թողնելու աշխատանքը, սակայն բանկի համեմատաբար բարձր աստիճանավորի համար, որոնցից մեկն ինքն էր, դա ներելի էր։ Արդյոք կարիք կա՞ր ղեկավարությունից ներողություն խնդրել։ Նա մտադիր էր այդպես վարվել։ Եթե հանկարծ չհավատային (մի բան, որ խիստ հնարավոր էր), կարող էր ֆրաու Գրուբախին վկայակոչել կամ թեկուզ դիմացի երկու ծերուկներին, որոնք այժմ երևի գալիս էին Կ֊ի սենյակին դեմհանդիման ընկած պատուհանների կողմը։ Կ֊ն զարմանում էր, հենց թեկուզ պահակների մտածելակերպն էր զարմացնում նրան․ իրեն փակել էին սենյակում և մենակ թողել, մինչդեռ ինքը ինքնասպան լինելու այդքան շատ հնարավորություն ուներ։ Միաժամանակ նա (այս անգամ արդեն սեփական մտքերի ընթացքից ելնելով) ինքն իրենց հարցրեց, թե նման քայլ կատարելու համար ի՞նչ պատճառ կարող է ունենալ։ Որ այն երկուսը նստել էին կողքի սենյակում և ձեռքնե՞րն էին առել իր նախաճաշը։ Ինքնասպան լինելն այնքան անիմաստ բան էր, որ նա, եթե անգամ ուզենար էլ, հենց թեկուզ անիմաստության պատճառով ի վիճակի չէր լինի այդ բանն անել։ Եթե պահակների մտավոր սահմանափակությունն այդ աստիճան ակնառու չլիներ, կարելի կլիներ ենթադրել, թե նրանք էլ, նույն համոզմունքից ելնելով, ոչ մի վտանգ չէին տեսել իրեն մենակ թողնելու մեջ։ Եթե պահակներն այժմ կարողնանային հետևել, կտեսնեին, թե ինչպես Կ֊ն պահարանի կողմը գնաց (այնտեղ լավորակ շնապս էր պահում), առաջին բաժակը խմեց նախաճաշի տեղակ, երկրորդը՝ արիության համար, երրորդը՝ չնախատեսված որևէ դեպքի զգուշավորությունից․ կարող է պետք գար։ | ||
− | Նույն պահին կողասենյակից կանչող ձայնը այնպես վախեցրեց նրան,որ ատամները բաժակի եզրին կափկափեցին։ | + | Նույն պահին կողասենյակից կանչող ձայնը այնպես վախեցրեց նրան, որ ատամները բաժակի եզրին կափկափեցին։ |
― Վերակացուն է կանչում։ | ― Վերակացուն է կանչում։ | ||
Տող 111. | Տող 110. | ||
― Վերջապես։― Ասաց նա ի պատասխան, փակեց պահարանն ու իսկույն շտապեց կողքի սենյակը, ուր կանգնած երկու պահակները նրան նորից հետ քշեցին։ Նրանց այդ արարքը կարծես ինքնին հասկանալի պետք է լիներ։ | ― Վերջապես։― Ասաց նա ի պատասխան, փակեց պահարանն ու իսկույն շտապեց կողքի սենյակը, ուր կանգնած երկու պահակները նրան նորից հետ քշեցին։ Նրանց այդ արարքը կարծես ինքնին հասկանալի պետք է լիներ։ | ||
− | ― Ինչպե՞ս եք համարձակվում։ Ուզում եք շապիկով կանգնել վերակացուի դիմաց։ Նա կկարգադրի | + | ― Ինչպե՞ս եք համարձակվում։ Ուզում եք շապիկով կանգնել վերակացուի դիմաց։ Նա կկարգադրի թակել Ձեզ, մեզ էլ հետը։ |
― Թողեք, գրողը տանի,― բղավեց Կ֊ն։ Նրան հետ էին քշել մինչև զգեստների սնդուկը։― Ով անկողնում պառկած տեղն է ինձ վրա տալիս, չի կարող ակնկալել, թե ինձ տոնական կոստյումով կտեսնի։ | ― Թողեք, գրողը տանի,― բղավեց Կ֊ն։ Նրան հետ էին քշել մինչև զգեստների սնդուկը։― Ով անկողնում պառկած տեղն է ինձ վրա տալիս, չի կարող ակնկալել, թե ինձ տոնական կոստյումով կտեսնի։ | ||
Տող 157. | Տող 156. | ||
― Դուք շատ եք սխալվում,― ասաց նա։― Այստեղի պարոնները և ես ձեր գործում այդ աստիճան ազդեցիկ չենք։ Մենք գործի մասին համարյա ոչինչ չգիտենք։ Կարող էինք ամենաիսկական համազգեստներով լինել, բայց Ձեր գործը դրանից բնավ ավելի լավ վիճակում չէր լինի։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, որ Դուք մեղադրված եք, կամ, առավել ևս, ես չգիտեմ, թե արդո՞ք Դուք եք մեղադրվածը։ Դուք ձերբակալված եք, դա ճիշտ է։ Սրանից բացի ոչինչ չգիտեմ։ Միգուցե պահակներն այլ բան են դուրս տվել, այդ դեպքում դա միայն բարբաջանք է եղել։ Եթե անգամ այժմ Ձեր հարցերին չպատասխանեմ, գոնե կարող եմ խորհուրդ տալ, որ ավելի քիչ մտածեք մեր մասին և այն մասին, թե ի՞նչ է կատարվելու Ձեզ հետ։ Լավ կլինի ավելի շատ մտածեք Ձեր մասին և այնքան էլ մեծ աղմուկ մի սարքեք Ձեր անմեղության զգացումով։ Դա վնասում է, չէի ասի, թե վատ, տպավորությանը, որ Դուք եք թողնում ընդհանրապես։ Հետո պետք է խոսելու ժամանակ նաև ավելի զուսպ լինեք։ Ձեր քիչ առաջ ասածի իմաստը, եթե թեկուզ մի քանի բառ ասեիք, կարելի էր Ձեր վարմունքից կռահել, և, դրանից բացի, Ձեր համար բարենպաստ ոչինչ չկար այնտեղ։ | ― Դուք շատ եք սխալվում,― ասաց նա։― Այստեղի պարոնները և ես ձեր գործում այդ աստիճան ազդեցիկ չենք։ Մենք գործի մասին համարյա ոչինչ չգիտենք։ Կարող էինք ամենաիսկական համազգեստներով լինել, բայց Ձեր գործը դրանից բնավ ավելի լավ վիճակում չէր լինի։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, որ Դուք մեղադրված եք, կամ, առավել ևս, ես չգիտեմ, թե արդո՞ք Դուք եք մեղադրվածը։ Դուք ձերբակալված եք, դա ճիշտ է։ Սրանից բացի ոչինչ չգիտեմ։ Միգուցե պահակներն այլ բան են դուրս տվել, այդ դեպքում դա միայն բարբաջանք է եղել։ Եթե անգամ այժմ Ձեր հարցերին չպատասխանեմ, գոնե կարող եմ խորհուրդ տալ, որ ավելի քիչ մտածեք մեր մասին և այն մասին, թե ի՞նչ է կատարվելու Ձեզ հետ։ Լավ կլինի ավելի շատ մտածեք Ձեր մասին և այնքան էլ մեծ աղմուկ մի սարքեք Ձեր անմեղության զգացումով։ Դա վնասում է, չէի ասի, թե վատ, տպավորությանը, որ Դուք եք թողնում ընդհանրապես։ Հետո պետք է խոսելու ժամանակ նաև ավելի զուսպ լինեք։ Ձեր քիչ առաջ ասածի իմաստը, եթե թեկուզ մի քանի բառ ասեիք, կարելի էր Ձեր վարմունքից կռահել, և, դրանից բացի, Ձեր համար բարենպաստ ոչինչ չկար այնտեղ։ | ||
− | Կ֊ն աչքերը | + | Կ֊ն աչքերը հառել էր վերակացուին։ Թերևս ավելի երիտասարդ մեկը դպրոցականին վայել խրատնե՞ր էր տալիս։ Կշտամբո՞ւմ էր անկեղծության համար, իսկ ձերբակալման և այն մասին, թե ով է կարգադրել, ոչինչ չէր ասում։ Պարզ երևում էր, որ Կ֊ն հուզվեց, սկսեց ետուառաջ քայլել սենյակում (ոչ ոք չէր խանգարում նրան), ծալեց թեզանիքները, շոշափեց կուրծքը, ուղղեց մազերը, անցավ երեք պարոնների կողքով։ |
― Ախր անիմաստ բան է,― ասաց նա։ Այդ խոսքերից երեքն էլ շուռ եկան նրա կողմն ու պատրաստակամ, բայց՝ լուրջ, նայեցին։ Կ֊ն ի վերջո կանգ առավ վերակացուի սեղանի դիմաց։ | ― Ախր անիմաստ բան է,― ասաց նա։ Այդ խոսքերից երեքն էլ շուռ եկան նրա կողմն ու պատրաստակամ, բայց՝ լուրջ, նայեցին։ Կ֊ն ի վերջո կանգ առավ վերակացուի սեղանի դիմաց։ | ||
Տող 181. | Տող 180. | ||
― Ինչպե՞ս կարող եմ բանկ գնալ, երբ ձերբակալված եմ։ | ― Ինչպե՞ս կարող եմ բանկ գնալ, երբ ձերբակալված եմ։ | ||
− | ― Ախ այդպե՞ս։― Վերակացուն, որ արդեն դռան մոտ էր, | + | ― Ախ այդպե՞ս։― Վերակացուն, որ արդեն դռան մոտ էր, շրջվեց։― Դուք ինձ սխալ հասկացաք։ Դուք, ինչ խոսք, ձերբակալված եք, բայց դա Ձեր՝ գործերով զբաղվելուն չպետք է խանգարի։ Դա չպետք է խախտի նաև Ձեր առօրյա կյանքը։ |
― Այդ դեպքում ձերբակալված լինելն այնքան էլ վատ բան չէ,― ասաց Կ֊ն և մոտեցավ վերակացուին։ | ― Այդ դեպքում ձերբակալված լինելն այնքան էլ վատ բան չէ,― ասաց Կ֊ն և մոտեցավ վերակացուին։ | ||
Տող 201. | Տող 200. | ||
Պարոնները, ժպտալով, եռանդուն գլխով արեցին, կարծես ամբողջ ժամանակ այդ առաջարկին էին սպասել։ Միայն, երբ Կ֊ն գլխարկը մոռացավ (սենյակում էր մնացել), նրանք բոլորն իրար հետևից վազեցին բերելու, և դա ցույց տվեց, թե որքան շփոթված էին նրանք։ Կ֊ն կանգնել էր լուռ և երկու բաց դռների միջից նրանց էր նայում։ Եռյակը, ինչ խոսք, անտարբեր Ռաբենշտայներն էր եզրափակում․ նա շատ նրբակիրթ շարժուձևերով էր առաջ շարժվում։ Կամիները պարզեց գլխարկը, և Կ֊ն, ինչպես, իմիջայլոց, շատ անգամ էր լինում բանկում, պետք է խոստովաներ, որ Կամիների ժպիտը դիտավորություն չէր, որ նա չէր կարող դիտավորյալ ժպտալ։ | Պարոնները, ժպտալով, եռանդուն գլխով արեցին, կարծես ամբողջ ժամանակ այդ առաջարկին էին սպասել։ Միայն, երբ Կ֊ն գլխարկը մոռացավ (սենյակում էր մնացել), նրանք բոլորն իրար հետևից վազեցին բերելու, և դա ցույց տվեց, թե որքան շփոթված էին նրանք։ Կ֊ն կանգնել էր լուռ և երկու բաց դռների միջից նրանց էր նայում։ Եռյակը, ինչ խոսք, անտարբեր Ռաբենշտայներն էր եզրափակում․ նա շատ նրբակիրթ շարժուձևերով էր առաջ շարժվում։ Կամիները պարզեց գլխարկը, և Կ֊ն, ինչպես, իմիջայլոց, շատ անգամ էր լինում բանկում, պետք է խոստովաներ, որ Կամիների ժպիտը դիտավորություն չէր, որ նա չէր կարող դիտավորյալ ժպտալ։ | ||
− | Նախասենյակում ֆրաու Գրուբախը նրանց առջև բացեց բնակարանի դուռը։ Նրա դեմքից մեղավորության արտահայտությունն անհետացել էր, և Կ֊ն սովորականի նման նայեց գոգնոցի՝ նրա զանգվածեղ մարմնի մեջ կտրելու աստիճան խորը խրված կապով ներքև։ Երբ արդեն փողոց էին դուրս եկել, Կ֊ն, ժամացույցը ձեռքն առնելով, որոշեց մեքենա կանգնեցնել, որպեսզի մոտ կես ժամվա ուշացումը իզուր տեղը չավելացնի։ Կամիները մեքենա բերելու համար վազեց փողոցի անկյունը, մյուս երկուսը ակնհայտորեն ուզում էին զբաղեցնել Կ֊ին, երբ հանկարծ Կուլլիխը ցույց տվեց հանդիպակաց տան դարպասը։ Այնտեղ | + | Նախասենյակում ֆրաու Գրուբախը նրանց առջև բացեց բնակարանի դուռը։ Նրա դեմքից մեղավորության արտահայտությունն անհետացել էր, և Կ֊ն սովորականի նման նայեց գոգնոցի՝ նրա զանգվածեղ մարմնի մեջ կտրելու աստիճան խորը խրված կապով ներքև։ Երբ արդեն փողոց էին դուրս եկել, Կ֊ն, ժամացույցը ձեռքն առնելով, որոշեց մեքենա կանգնեցնել, որպեսզի մոտ կես ժամվա ուշացումը իզուր տեղը չավելացնի։ Կամիները մեքենա բերելու համար վազեց փողոցի անկյունը, մյուս երկուսը ակնհայտորեն ուզում էին զբաղեցնել Կ֊ին, երբ հանկարծ Կուլլիխը ցույց տվեց հանդիպակաց տան դարպասը։ Այնտեղ հայտնվեց կարմիր, սուրսայր մորուքով բարձրահասկան մարդը և, շփոթվելով այն հանգամանքից, որ այժմ երևում է ողջ հասակով մեկ, հետ քաշվեց ու սեղմվեց պատին։ Ծերունիները երևի դեռ իջնում էին աստիճաններով։ Կ֊ն զայրացավ, որ Կուլլիխը ուշադրություն էր հրավիրել այդ մարդու վրա․ ինքն արդեն տեսել էր նրան և սպասում էլ էր, որ նա կհայտնվի։ |
― Այդ կողմը մի նայեք,― նետեց Կ֊ն, առանց նկատելու, թե որքան արտառոց է ինքնուրույն մարդկանց հետ նման ձևով խոսելը։ Բացատրության անհրաժեշտություն նույնպես չեղավ, որովհետև նույն պահին մեքենան եկավ, նրանք նստեցին և շարժվեցին տեղից։ Կ֊ն հիշեց, որ ինքը չնկատեց վերակացուի և պահակների հեռանալը։ Վերակացուն պահակներին թաքցրել էր իր աչքից, իսկ այժմ արդեն պահակներն էին վերակացուին թաքցրել։ Դա ցույց տվեց, որ ինքն այնքան էլ զգոն չի եղել և մտադրվեց ավելի ուշադիր լինել։ Նա ակամա շուռ եկավ և մեքենայի ծածկոցի վրա կռացավ, որպեսզի հնարավորության դեպքում նորից տեսներ վերակացուին և պահակներին, սակայն անմիջապես նորից հետ շրջվեց և, առանց ինչ֊որ մեկին փնտրելու փորձի, հարմար տեղավորվեց մեքենայի անկյունում։ Չէր զգացվում, թե նա հենց այդ պահին զրուցելու, որևէ մեկի հետ կիսվելու անհրաժեշտություն ուներ։ Բայց պարոններն հոգնած էին թվում․ Ռաբենշտայներն աջակողմյան պատուհանից էր դուրս նայում, Կուլլիխը՝ ձախ, տրամադրության տակ միայն Կամիներն էր՝ ատամները բաց մինչդեռ Կ֊ի մարդկային բնավորությունը թույլ չէր տալիս ծիծաղել նման բաների վրա։ | ― Այդ կողմը մի նայեք,― նետեց Կ֊ն, առանց նկատելու, թե որքան արտառոց է ինքնուրույն մարդկանց հետ նման ձևով խոսելը։ Բացատրության անհրաժեշտություն նույնպես չեղավ, որովհետև նույն պահին մեքենան եկավ, նրանք նստեցին և շարժվեցին տեղից։ Կ֊ն հիշեց, որ ինքը չնկատեց վերակացուի և պահակների հեռանալը։ Վերակացուն պահակներին թաքցրել էր իր աչքից, իսկ այժմ արդեն պահակներն էին վերակացուին թաքցրել։ Դա ցույց տվեց, որ ինքն այնքան էլ զգոն չի եղել և մտադրվեց ավելի ուշադիր լինել։ Նա ակամա շուռ եկավ և մեքենայի ծածկոցի վրա կռացավ, որպեսզի հնարավորության դեպքում նորից տեսներ վերակացուին և պահակներին, սակայն անմիջապես նորից հետ շրջվեց և, առանց ինչ֊որ մեկին փնտրելու փորձի, հարմար տեղավորվեց մեքենայի անկյունում։ Չէր զգացվում, թե նա հենց այդ պահին զրուցելու, որևէ մեկի հետ կիսվելու անհրաժեշտություն ուներ։ Բայց պարոններն հոգնած էին թվում․ Ռաբենշտայներն աջակողմյան պատուհանից էր դուրս նայում, Կուլլիխը՝ ձախ, տրամադրության տակ միայն Կամիներն էր՝ ատամները բաց մինչդեռ Կ֊ի մարդկային բնավորությունը թույլ չէր տալիս ծիծաղել նման բաների վրա։ | ||
Տող 207. | Տող 206. | ||
*** | *** | ||
− | Այդ | + | Այդ գարնանը Կ֊ն սովորություն ուներ հետևյալ կերպ անցկացնել երեկոները։ Նա, մեծ մասամբ, մինչև ժամը ինը նստում էր գրասենյակում և գործից հետո, եթե դեռ ժամանակ էր լինում, մենակ կամ բանկի ծառայողների հետ մի փոքր զբոսնում էր, հետո գարեջրատուն էր գնում և, սովորաբար ավելի տարեց պարոնների ընկերակցությամբ, մինչև ժամը տասնմեկը նստում էր իրենց մշտական սեղանի շուրջը։ Այդ ռեժիմի մեջ խախտումներ, ինչ խոսք, երբեմն լինում էին, երբ Կ֊ին, օրինակ, բանկի դիրեկտորը (վերջինս շատ էր գնահատում Կ֊ի աշխատունակությունը և արժանահավատ բնավորությունը) մեքենայով ճամփորդության կամ իր վիլլան ընթրիքի էր հրավիրում։ Դրանից բացի, նա շաբաթը մի անգամ գնում էր Էլզա անունով մի աղջկա մոտ, որ գիշերները մինչև առավոտ որպես մատուցողուհի աշխատում էր գինու պանդոկում, իսկ ցերեկներն անկողնու մեջ էր հյուրեր ընդունում։ Այդ երեկո, սակայն, Կ֊ն ուզեց անմիջապես տուն գնալ։ Լարված աշխատանքի և ծննդյան օրվա կապակցությամբ ընկերական բազմաթիվ, մեծարող բարեմաղթությունների մթնոլորտում օրն աննկատ էր անցել։ Բոլոր կարճատև ընդմիջումների ժամանակ նա միշտ մի բանի մասին էր մտածել․ առանց հաստատ գիտենալու, թե ինչ էր ուզում, նրան թվացել էր, թե առավոտվա դեպքերը մեծ անկարգություն են պատճառել ֆրաու Գրուբախի ողջ բնակարանում, և կարգուկանոնը վերահաստատելու համար հենց իր աջակցությունն էր պետք։ Եթե կարգուկանոնը վերահաստատվեր, կատարվածի բոլոր հետքերը մաքրված կլինեին, և ամեն ինչ կգնար իր սովորական ընթացքով։ Երեք ծառայողներից վախենալու առանձնապես ոչ մի պատճառ չէր եղել, նրանք կրկին սուզվել էին բանկի ծառայողական հոծ բազմության մեջ, և նրանց շարժուձևերում ոչ մի փոփոխություն հնարավոր չէր եղել նկատել։ Կ֊ն հաճախ էր նրանց առանձին֊առանձին կամ միասին կանչել իր գրասենյակը, բայց ամեն անգամ ազատ էր արձակել գոհ, որովհետև այդ կանչերը նրանց զննելուց բացի ուրիշ նպատակ չէին հետապնդել։ |
− | Երբ Կ֊ն ժամը ինն անց կեսին տուն | + | Երբ Կ֊ն ժամը ինն անց կեսին տուն հասավ, մուտքի մոտ մի պատանու տեսավ, որ, ոտքերը լայն դրած, կանգնել ու ծխամորճ էր ծխում։ |
− | ― Ո՞վ եք Դուք,― իսկույն հարցրեց Կ֊ն ու դեմքը մոտեցրեց պատանուն․ | + | ― Ո՞վ եք Դուք,― իսկույն հարցրեց Կ֊ն ու դեմքը մոտեցրեց պատանուն․ միջանցքի կիսախավարը թույլ չէր տալիս լավ տեսնել։ |
― Դռնապահի տղան եմ, ողորմած պարոն,― տղան բերանից հանեց ծխամորճը և ճանապարհ տվեց։ | ― Դռնապահի տղան եմ, ողորմած պարոն,― տղան բերանից հանեց ծխամորճը և ճանապարհ տվեց։ | ||
Տող 219. | Տող 218. | ||
― Ողորմած պարոնն ինչ֊որ բա՞ն է ուզում։ Կանչե՞մ հորս։ | ― Ողորմած պարոնն ինչ֊որ բա՞ն է ուզում։ Կանչե՞մ հորս։ | ||
− | ― Ո՛չ, ո՛չ։― Կ֊ի ձայնի մեջ ներողմատության երանգ կար, կարծես տղան ինչ֊որ | + | ― Ո՛չ, ո՛չ։― Կ֊ի ձայնի մեջ ներողմատության երանգ կար, կարծես տղան ինչ֊որ վատ բան էր թույլ տվել, իսկ ինքը ներում էր նրան։― Ամեն ինչ կարգին է,― ավելացրեց նա, շարունակեց ճանապարհը և, նախքան աստիճաններով վեր բարձրանար, մի անգամ էլ շուռ եկավ։ |
− | Նա կարող էր ուղիղ իր սենյակը գնալ, բայց, քանի որ ուզում էր ֆրաու Գրուբախի հետ խոսել, բացեց նրա դուռը։ Ֆրաու Գրուբախը նստել էր սեղանի մոտ, ձեռքին գործած գուլպա էր, և | + | Նա կարող էր ուղիղ իր սենյակը գնալ, բայց, քանի որ ուզում էր ֆրաու Գրուբախի հետ խոսել, բացեց նրա դուռը։ Ֆրաու Գրուբախը նստել էր սեղանի մոտ, ձեռքին գործած գուլպա էր, և սեղանին էլ մի ամբողջ կույտ հին գուլպա էր լցված։ Կ֊ն՝ ցրված, ներողություն խնդրեց, որ այդպես ուշ ժամի է անհանգստացնում, սակայն ֆրաու Գրուբախը շատ բարեկամաբար էր տրամադրված և ոչ մի ներողության մասին չուզեց լսել․ նա միշտ պատրաստ է լսել Կ֊ին, Կ֊ն ախր շատ լավ գիտե, որ ինքը նրա ամենալավ ու ամենասիրելի կենվորն է։ Կ֊ն շուրջը նայեց։ Սենյակում ամեն ինչ առաջվա պես էր․ նախաճաշի սպասքը, որ առաջ պատուհանի մոտ էր դրված՝ փոքր սեղանին, նույնպես վերցված էր։ |
«Կանացի ձեռքերը առանց աղմուկ հանելու շատ բան են անում»,― մտածեց նա ու որոշակի երախտագիտությամբ նայեց ֆրաու Գրուբախին․ ինքն հաստատ տեղնուտեղը կփշրեր սպասքը և չէր կարողանա դուրս տանել։ | «Կանացի ձեռքերը առանց աղմուկ հանելու շատ բան են անում»,― մտածեց նա ու որոշակի երախտագիտությամբ նայեց ֆրաու Գրուբախին․ ինքն հաստատ տեղնուտեղը կփշրեր սպասքը և չէր կարողանա դուրս տանել։ | ||
Տող 279. | Տող 278. | ||
― Դուք մոլորության մեջ եք,― կատաղած ասաց Կ֊ն, որովհետև անզոր էր զայրույթը թաքցնել։― Ի դեպ, Դուք բացահայտ սխալ հասկացաք նաև ֆրոյլայնի մասին արած իմ դիտողությունը։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում, և Ձեր ասածներից ոչ մեկը ճիշտ չէ։ Այսինքն, ես գուցե շատ հեռու եմ գնում։ Չեմ ուզում խանգարել Ձեզ։ Ասեք նրան, ինչ ուզում եք։ Բարի գիշեր։ | ― Դուք մոլորության մեջ եք,― կատաղած ասաց Կ֊ն, որովհետև անզոր էր զայրույթը թաքցնել։― Ի դեպ, Դուք բացահայտ սխալ հասկացաք նաև ֆրոյլայնի մասին արած իմ դիտողությունը։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում, և Ձեր ասածներից ոչ մեկը ճիշտ չէ։ Այսինքն, ես գուցե շատ հեռու եմ գնում։ Չեմ ուզում խանգարել Ձեզ։ Ասեք նրան, ինչ ուզում եք։ Բարի գիշեր։ | ||
− | ― Պարոն | + | ― Պարոն Կ․։― Խնդրագին արտաբերեց ֆրաու Գրուբախը և շտապեց նրա հետևից։ Կ֊ն արդեն բացել էր սենյակի դուռը։― Ես ախր առայժմ չեմ ուզում խոսել ֆրոյլայնի հետ։ Իհարկե, նախ ուզում եմ ավելի լավ ճանաչել նրան և, հետո, միայն Ձեզ վստահեցի իմ գիտեցածը։ Ի վերջո, եթե մարդ ուզում է մաքուր պահել իր պանսիոնը, բոլոր կենվորները պետք է տեղյակ լինեն պահանջներին։ Ես դրանից բացի ուրիշ բանի չեմ ձգտում։ |
― Մաքրութո՛ւն։― Դռան ճեղքից բղավեց Կ֊ն։― Եթե ուզում եք պանսիոնատը մաքուր պահել, նախ պետք է ինձ հեռացնեք։― Նա դուռը վրա խփեց և այլևս ուշադրություն չդարձրեց կամաց թակոցներին։ | ― Մաքրութո՛ւն։― Դռան ճեղքից բղավեց Կ֊ն։― Եթե ուզում եք պանսիոնատը մաքուր պահել, նախ պետք է ինձ հեռացնեք։― Նա դուռը վրա խփեց և այլևս ուշադրություն չդարձրեց կամաց թակոցներին։ | ||
− | Կ֊ն քնելու ցանկություն չուներ, ընդհակառակը, նա որոշեց առայժմ արթուն մնալ, առիթի դեպքում ճշտել նաև, թե երբ կգա ֆրոյլայն Բյուրստները, և, որքան էլ անհարմար թվար, գուցեև | + | Կ֊ն քնելու ցանկություն չուներ, ընդհակառակը, նա որոշեց առայժմ արթուն մնալ, առիթի դեպքում ճշտել նաև, թե երբ կգա ֆրոյլայն Բյուրստները, և, որքան էլ անհարմար թվար, գուցեև հարկավոր լիներ նրա հետ մի քանի խոսք փոխանակել։ Պատուհանագոգին երկար մեկնված, նա մի պահ նույնիսկ որոշեց պատժել ֆրաու Գրուբախին․ ամեն ինչ պատմել ֆրոյլայն Բյուրստներին և միասին լուծարքի ենթարկել պանսիոնատը։ Սակայն այդ միտքը սարսափելի չափազանցված թվաց, և նա նույնիսկ կասկածեց, որ լուծարքի ենթարկելը և բնակարանը փոխելը առավոտվա դեպքերով են պայմանավորված։ Դրանից ավելի անիմաստ, անմիտ ու արգահատելի ոչինչ հնարավոր չէր հորինել։ |
− | Երբ Կ֊ն ձանձրացավ դատարկ փողոցին նայելուց, պառկեց բազմոցին։ Մինչ այդ նա փոքր ճեղքի չափով բացեց սենյակի դուռը, | + | Երբ Կ֊ն ձանձրացավ դատարկ փողոցին նայելուց, պառկեց բազմոցին։ Մինչ այդ նա փոքր ճեղքի չափով բացեց սենյակի դուռը, որ պառկած տեղից կարողանար տեսնել ամեն ներս մտնողի և համարյա մինչև ժամը տասնմեկը պառկեց հանգիստ, սիգար ծխելով։ Դրանից հետո այլևս չկարողացավ պառկած մնալ ու դուրս եկավ նախասենյակ․ կարծես դրանով կարող էր արագացնել ֆրոյլայն Բյուրստների վերադարձը։ Կ֊ն ֆրոյլայն Բյուրսներին տեսնելու առանձնակի ոչ մի պատճառ չուներ, նա չէր կարող նույնիսկ լավ հիշել, թե ինչպիսի տեսք ուներ ֆրոյլայնը, սակայն այժմ ուզում էր խոսել նրա հետ, և նրան հուզում էր այն հանգամանքը, որ ֆրոյլայն Բյուրստները, ուշ վերադառնալով, այդ օրվա ավարտին անգամ անհանգստություն ու անկարգություն էր մտցնում։ |
Տող 326. | Տող 325. | ||
― Ի՞մ սենյակը։― Ֆրոյլայն Բյուրստները սենյակի փոխարեն Կ֊ին էր զննում։ | ― Ի՞մ սենյակը։― Ֆրոյլայն Բյուրստները սենյակի փոխարեն Կ֊ին էր զննում։ | ||
− | ― Հենց այդպես,― ասաց Կ֊ն, և նրանք առաջին անգամ իրար աչքերի | + | ― Հենց այդպես,― ասաց Կ֊ն, և նրանք առաջին անգամ իրար աչքերի մեջ նայեցին։― Եվ այն մասին, թե ինչպես կատարվեց, չարժի որևէ բան ասել։ |
― Այո, բայց դա իսկապե՞ս միակ հետաքրքիր բանն է։ | ― Այո, բայց դա իսկապե՞ս միակ հետաքրքիր բանն է։ | ||
Տող 332. | Տող 331. | ||
― Ոչ։ | ― Ոչ։ | ||
− | ― Լավ,― ասաց ֆրոյլայն Բյուրստները։― Չեմ ուզում գաղտնիքների մեջ ներթափանցել։ Դուք պնդում եք, որ դա անհետաքրքիր է։ Ես էլ ոչնչով չեմ առարկի, իսկ որ ներողություն եք խնդրում, սիրով ներում եմ, մանավանդ որ անկարգության ոչ մի հետք չեմ կարող գտնել։― Նա ափերն ազդրերին ամուր սեղմած, մի պտույտ տվեց սենյակում և կանգնեց խսիրի մոտ։― Տեսեք, իմ լուսանկարներն իրոք խառնել են։ Զզվելի է։ Ուրեմն ինչ֊որ մեկը առանց իրավունքի եղել է իմ սենյակում։― Կ֊ն գլխով արեց և մտքում հայհոյեց Կամիներին, որն իր անիմաստ, զզվելի աշխուժությանը երբեք չէր | + | ― Լավ,― ասաց ֆրոյլայն Բյուրստները։― Չեմ ուզում գաղտնիքների մեջ ներթափանցել։ Դուք պնդում եք, որ դա անհետաքրքիր է։ Ես էլ ոչնչով չեմ առարկի, իսկ որ ներողություն եք խնդրում, սիրով ներում եմ, մանավանդ որ անկարգության ոչ մի հետք չեմ կարող գտնել։― Նա ափերն ազդրերին ամուր սեղմած, մի պտույտ տվեց սենյակում և կանգնեց խսիրի մոտ։― Տեսեք, իմ լուսանկարներն իրոք խառնել են։ Զզվելի է։ Ուրեմն ինչ֊որ մեկը առանց իրավունքի եղել է իմ սենյակում։― Կ֊ն գլխով արեց և մտքում հայհոյեց Կամիներին, որն իր անիմաստ, զզվելի աշխուժությանը երբեք չէր կարողնաում չափ ու սահման դնել։ |
― Տարօրինակ է,― ասաց ֆրոյլայն Բյուրստները,― որ ես եմ ստիպված արգելել Ձեզ այն, ինչ Դուք չպետք է թույլ տայիք Ձեզ։ Նկատի ունեմ իմ բացակայության ժամանակ այս սենյակը մտնելը։ | ― Տարօրինակ է,― ասաց ֆրոյլայն Բյուրստները,― որ ես եմ ստիպված արգելել Ձեզ այն, ինչ Դուք չպետք է թույլ տայիք Ձեզ։ Նկատի ունեմ իմ բացակայության ժամանակ այս սենյակը մտնելը։ | ||
− | ― Ֆրոյլայն, ես ախր բացատրեցի Ձեզ։― Կ֊ն ևս մոտեցավ լուսանկարներին։― Ես չեմ եղել լուսանկարները խառնողը, բայց, քանի որ չեք հավատում, պետք | + | ― Ֆրոյլայն, ես ախր բացատրեցի Ձեզ։― Կ֊ն ևս մոտեցավ լուսանկարներին։― Ես չեմ եղել լուսանկարները խառնողը, բայց, քանի որ չեք հավատում, պետք է խոստովանեմ, որ հետաքննող խումբն իր հետ բերել էր բանկի երեք աշխատակիցների, և նրանցից մեկը, որին ես առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս կնետեմ բանկից, իրոք ձեռք է տվել լուսանկարներին։ Այո, այստեղ հետաքննող խումբ է եղել։― Ավելացրեց Կ֊ն, որովհետև ֆրոյլայն Բյուրստները հարցական հայացքով նրան էր նայում։ |
― Ձե՞ր պատճառով։ | ― Ձե՞ր պատճառով։ | ||
Տող 378. | Տող 377. | ||
― Շատ է ընդհանուր։ | ― Շատ է ընդհանուր։ | ||
− | ― Ի՞նչն է շատ ընդհանուր,― հարցրեց Կ֊ն, հետո հիշեցկատարվածն ու նորից հարցրեց։― Ցույց տա՞մ, թե ինչպես կատարվեց։― Նա ուզում էր շարժվել, | + | ― Ի՞նչն է շատ ընդհանուր,― հարցրեց Կ֊ն, հետո հիշեցկատարվածն ու նորից հարցրեց։― Ցույց տա՞մ, թե ինչպես կատարվեց։― Նա ուզում էր շարժվել, բայց և չէր ուզում հեռանալ։ |
― Ես հոգնած եմ արդեն։ | ― Ես հոգնած եմ արդեն։ | ||
Տող 396. | Տող 395. | ||
Կ֊ն սեղանը դրեց սենյակի կենտրոնում և նստեց հետևը։ | Կ֊ն սեղանը դրեց սենյակի կենտրոնում և նստեց հետևը։ | ||
− | ― Դուք պետք է ճիշտ պատկերացում ունենաք գործող անձնաց մասին։ Դա շատ հետաքրքիր է։ Ես վերակացուն եմ, այնտեղ՝ ճամպրուկի վրա, նստած են | + | ― Դուք պետք է ճիշտ պատկերացում ունենաք գործող անձնաց մասին։ Դա շատ հետաքրքիր է։ Ես վերակացուն եմ, այնտեղ՝ ճամպրուկի վրա, նստած են երկու պահակները, լուսանկաների մոտ երեք երիտասարդներ են կանգնած, պատուհանի բռնակից (իմացեք պարզապես) սպիտակ վերնաշապիկ է կախ ընկած։ Դեհ, այժմ սկսվում է։ Հա, մոռացա ինձ։ Գլխավոր գործող անձը, այսինքն՝ ես, կանգնած եմ այստեղ, սեղանի դիմաց։ Վերակացուն շատ հարմար է տեղավորվել․ ոտքերն իրար վրա գցած, ձեռքն աթոռին։ Նմանը չունեցող մի հաստագլուխ։ Այժմ արդեն, իսկապես, սկսվում է։ Վերակացուն այնպես է բղավում, կարծես ինձ արթնացնել է պետք։ Նա իսկապես բղավում է։ Ես ուզում եմ, որ Դուք հստակ պատկերացնեք և, ցավոք, ստիպված եմ նույնպես բղավել։ Իմիջիայլոց, նա միայն իմ անունը տվեց։ |
Ծիծաղելով ականջ դնող ֆրոյլայն Բյուրստները ցուցամատը դրեց շուրթերին, ուզեց խանգարել Կ֊ի բղավելուն, սակայն արդեն ուշ էր․ Կ֊ն շատ էր կերպարի մեջ մտել։ Նա դանդաղ բղավեց․ | Ծիծաղելով ականջ դնող ֆրոյլայն Բյուրստները ցուցամատը դրեց շուրթերին, ուզեց խանգարել Կ֊ի բղավելուն, սակայն արդեն ուշ էր․ Կ֊ն շատ էր կերպարի մեջ մտել։ Նա դանդաղ բղավեց․ | ||
Տող 402. | Տող 401. | ||
― Յոզեֆ Կ․։ | ― Յոզեֆ Կ․։ | ||
− | Պետք է ասել, որ նա ոչ այնքան բարձր բաղվեց, ինչպես սկզբում էր սպառնում, և որ կանչը, | + | Պետք է ասել, որ նա ոչ այնքան բարձր բաղվեց, ինչպես սկզբում էր սպառնում, և որ կանչը, հանկարծակի արտաբերվելուց հետո միայն, թվաց, թե տարածվում է սենյակում։ |
Կողքի սենյակի դուռը կտրուկ, ուժգին, մի քանի անգամ թակեցին։ Ֆրոյլայն Բյուրստները գունատվեց, ձեռքը դրեց սրտին։ Այդ տեսնելով, Կ֊ն ավելի վախեցավ, որովհետև նա մի պահ դեռ անկարող էր առավոտվա դեպքերից և աղջկանից բացի՝ ում ներկայացնում էր կատարվածը, ուրիշ բանի մասին մտածել։ Հազիվ ուշքի եկած, նա նետվեց ֆրոյլայն Բյուրստների կողմը և վերցրեց նրա ձեռքը։ | Կողքի սենյակի դուռը կտրուկ, ուժգին, մի քանի անգամ թակեցին։ Ֆրոյլայն Բյուրստները գունատվեց, ձեռքը դրեց սրտին։ Այդ տեսնելով, Կ֊ն ավելի վախեցավ, որովհետև նա մի պահ դեռ անկարող էր առավոտվա դեպքերից և աղջկանից բացի՝ ում ներկայացնում էր կատարվածը, ուրիշ բանի մասին մտածել։ Հազիվ ուշքի եկած, նա նետվեց ֆրոյլայն Բյուրստների կողմը և վերցրեց նրա ձեռքը։ | ||
Տող 408. | Տող 407. | ||
― Մի վախեցեք,― շշնջաց նա։― Ես ամեն ինչ կդասավորեմ։ Բայց ո՞վ կարող է լինել։ Այս կողմում, ախր, միայն հյուրասենյակն է, իսկ այնտեղ ոչ ոք չէր քնում։ | ― Մի վախեցեք,― շշնջաց նա։― Ես ամեն ինչ կդասավորեմ։ Բայց ո՞վ կարող է լինել։ Այս կողմում, ախր, միայն հյուրասենյակն է, իսկ այնտեղ ոչ ոք չէր քնում։ | ||
− | ― Ոչ,― Կ֊ի ականջին շշնջաց ֆրոյլայն Բյուրստները։― Երկվանից այնտեղ մի | + | ― Ոչ,― Կ֊ի ականջին շշնջաց ֆրոյլայն Բյուրստները։― Երկվանից այնտեղ մի կապիտան է քնում, ֆրաու Գրուբախի ազգականն է։ Այժմ արդեն ոչ մի ազատ սենյակ չկա։ Ես էլ իմ մոռացել։ Դուք այնպես բղավեցիք։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ |
― Իզուր,― ասաց Կ֊ն, և երբ ֆրոյլայն Բյուրստները նորից խոնարհվեց բարձին, համբուրեց նրա ճակատը։ | ― Իզուր,― ասաց Կ֊ն, և երբ ֆրոյլայն Բյուրստները նորից խոնարհվեց բարձին, համբուրեց նրա ճակատը։ | ||
Տող 414. | Տող 413. | ||
― Հեռու, հեռու,― ասաց ֆրոյալյն Բյուրստներն ու շտապ ուղղվեց։― Գնացեք, գնացեք, ախր։ Ի՞նչ եք ուզում։ Նա դռան մոտ ականջ է դնում, լսում է ամեն ինչ։ Ինչպե՜ս եք տանջում ինձ։ | ― Հեռու, հեռու,― ասաց ֆրոյալյն Բյուրստներն ու շտապ ուղղվեց։― Գնացեք, գնացեք, ախր։ Ի՞նչ եք ուզում։ Նա դռան մոտ ականջ է դնում, լսում է ամեն ինչ։ Ինչպե՜ս եք տանջում ինձ։ | ||
− | ― Մինչև փոքր֊ինչ չհանգստանաք, ես չեմ հեռանա։ Եկեք սենյակի մյուս անկյունը, այնտեղ նա չի կարող մեզ լսել։― Ֆրոյլայն Բյուրստները թույլ տվեց, որ Կ֊ն իրեն այն կողմ տանի։― Դուք չեք մտածում,― շարունակեց Կ֊ն,― որ խոսքը, թեպետ Ձեզ համար տհաճության մասին է, բայց ոչ վտանգի։ Դուք չգիտեք, թե ֆրաու Գրուբախը (թեև կապիտանը նրա ազգականն է, բայց պանսիոնատում նրան է պատկանում որևէ հարց լուծելու իրավունքը) ինչքան է հարգում ինձ, և ինչ ասում եմ, հավատում է։ | + | ― Մինչև փոքր֊ինչ չհանգստանաք, ես չեմ հեռանա։ Եկեք սենյակի մյուս անկյունը, այնտեղ նա չի կարող մեզ լսել։― Ֆրոյլայն Բյուրստները թույլ տվեց, որ Կ֊ն իրեն այն կողմ տանի։― Դուք չեք մտածում,― շարունակեց Կ֊ն,― որ խոսքը, թեպետ Ձեզ համար տհաճության մասին է, բայց ոչ վտանգի։ Դուք չգիտեք, թե ֆրաու Գրուբախը (թեև կապիտանը նրա ազգականն է, բայց պանսիոնատում նրան է պատկանում որևէ հարց լուծելու իրավունքը) ինչքան է հարգում ինձ, և ինչ ասում եմ, հավատում է։ Դրանից բացի, նա ինձնից նաև կախում ունի․ մի մեծ գումար է պարտք։ Եթե համաձայն եք, ապա մեր մեկտեղ լինելու համար բացատրություն պահանջող նրա ամեն մի հարցի պատասխանը ինձ վրա եմ վերցնում և երաշխավորում եմ ֆրաու Գրուբախին այն աստիճանի հասցնել, որ բացատրությանը, ոչ մի հասարակության մեջ, այլև իրականում, անկեղծորեն հավատա։ Միաժամանակ Դուք ոչ մի հարցում չպետք է խնայեք ինձ։ Ուզո՞ւմ եք, ասեք, թե հարձակվել եմ Ձեզ վրա։ Ֆրաու Գրուբախը, այդպես տեղեկացված լինելով հանդերձ, կհավատա, առանց իմ հանդեպ հավատը կորցնելու։ Այդքան որ կախում ունի ինձնից։ |
Ֆրոյլայն Բյուրստները լուռը և մի փոքր կծկված կանգնել, նայում էր դիմացը՝ հատակին։ | Ֆրոյլայն Բյուրստները լուռը և մի փոքր կծկված կանգնել, նայում էր դիմացը՝ հատակին։ | ||
Տող 420. | Տող 419. | ||
― Ինչո՞ւ չպետք է ֆրաու Գրուբախը հավատա, որ հարձակվել եմ Ձեզ վրա,― ավելացրեց Կ֊ն։ Նա միայն ֆրոյլայն Բյուրստների մազերն էր տեսնում, երկու մասի բաժանված, փոքր ինչ գզգզված, ամուր կապված կարմրավուն մազերը։ Կ֊ն կարծում էր, թե ֆրոյալյնը հայացքն իր կողմը կդարձնի, սակայն նա՝ առանց դիրքը փոխելու, ասաց․ | ― Ինչո՞ւ չպետք է ֆրաու Գրուբախը հավատա, որ հարձակվել եմ Ձեզ վրա,― ավելացրեց Կ֊ն։ Նա միայն ֆրոյլայն Բյուրստների մազերն էր տեսնում, երկու մասի բաժանված, փոքր ինչ գզգզված, ամուր կապված կարմրավուն մազերը։ Կ֊ն կարծում էր, թե ֆրոյալյնը հայացքն իր կողմը կդարձնի, սակայն նա՝ առանց դիրքը փոխելու, ասաց․ | ||
− | ― Ներեցեք, ես հանկարածկի թակոցից վախեցա, և ոչ թե այն հետևանքից, որ կարող է բերել կապիտանի ներկայությունը։ Այնպես լուռ էր Ձեր | + | ― Ներեցեք, ես հանկարածկի թակոցից վախեցա, և ոչ թե այն հետևանքից, որ կարող է բերել կապիտանի ներկայությունը։ Այնպես լուռ էր Ձեր բղավոցից հետո, և հանկարծ բախեցին։ Դա էր իմ այդպես վախենալու պատճառը։ Ես դռան կողքին էր կանգնած, համարյա իմ կողքին բախեցին։ Ձեր առաջարկների համար շնորհակալ եմ, սակայն չեմ ընդունում։ Այն ամենի համար, ինչ կատարվում է իմ սենյակում, կարող եմ անձամբ պատասխան տալ, թեկուզ ում էլ որ հարկավոր լինի։ Ես զարմանում եմ․ ինչպե՞ս չեք նկատում, թե լավ մտադրությունների հետ մեկտեղ՝ որոնք, իհարկե, ես ընդունում եմ, ինձ ուղղված ինչպիսի վիրավորանք կա Ձեր խոսքերում։ Սակայն գնացեք այժմ, մենակ թողեք ինձ։ Այս րոպեին դա ինձ ավելի անհրաժեշտ է, քան քիչ առաջ։ Մի քանի րոպեն, ինչի համար խնդրեցիք, արդեն կես ժամ է դարձել և ավելի շատ։ |
― Բայց Դուք չե՞ք զայրանում ինձ վրա։― Կ֊ն բռնեց նրա ձեռքը, հետո՝ դաստակը։ | ― Բայց Դուք չե՞ք զայրանում ինձ վրա։― Կ֊ն բռնեց նրա ձեռքը, հետո՝ դաստակը։ | ||
Տող 426. | Տող 425. | ||
― Ո՛չ, ո՛չ,― պատասխանեց ֆրոյլայնը և կողքի տարավ ձեռքը։― Ես երբեք և ոչ ոքի վրա չեմ զայրանում։ | ― Ո՛չ, ո՛չ,― պատասխանեց ֆրոյլայնը և կողքի տարավ ձեռքը։― Ես երբեք և ոչ ոքի վրա չեմ զայրանում։ | ||
− | Կ֊ն կրկին ձեռքն առավ | + | Կ֊ն կրկին ձեռքն առավ նրա դաստակը։ Ֆրոյլայն Բյուրստները համակերպվեց և այդպես Կ֊ին տարավ մինչև դուռը։ Կ֊ն հաստատ որոշել էր հեռանալ, սակայն դռան մոտ վարանեց մի պահ՝ կարծես չէր սպասում, թե այստեղ դուռ կտեսներ, իսկ ֆրոյլայն Բյուրստները ակնթարթն օգտագործեց ձեռքն ազատելու, դուռը բացելու, նախասենյակ դուրս սահելու և այնտեղից մեղմ ասելու համար․ |
― Դե եկեք, խնդրում եմ։ Տեսնո՞ւմ եք։― Նա ցույց տվեց կապիտանի դուռը, որի տակից լույս էր թափանցում։― Նա վառել է լույսը և մեր մասին է խոսում։ | ― Դե եկեք, խնդրում եմ։ Տեսնո՞ւմ եք։― Նա ցույց տվեց կապիտանի դուռը, որի տակից լույս էր թափանցում։― Նա վառել է լույսը և մեր մասին է խոսում։ | ||
Տող 436. | Տող 435. | ||
Քիչ հետո Կ֊ն անկողին մտավ։ Նա շուտ քնեց, քնելուց առաջ դեռ մտածում էր իր արարքի մասին․ գոհ էր իրենից և զարմացավ, սակայն, որ էլ ավելի գոհ չէր։ Կապիտանի պատճառով նա լրջորեն մտահոգվեց ֆրոյլայն Բյուրստների մասին։ | Քիչ հետո Կ֊ն անկողին մտավ։ Նա շուտ քնեց, քնելուց առաջ դեռ մտածում էր իր արարքի մասին․ գոհ էր իրենից և զարմացավ, սակայն, որ էլ ավելի գոհ չէր։ Կապիտանի պատճառով նա լրջորեն մտահոգվեց ֆրոյլայն Բյուրստների մասին։ | ||
− | |||
− | Կ֊ին հեռախոսով տեղյակ պահեցին, որ հաջորդ կիրակի օրը նար գործով նախնական կարճատև քննություն է տեղի ունենալու։ Նրա ուշադրությունը հարվիրեցին այն բանի վրա, որ նախնական քննություններըը եթե ոչ ամեն շաբաթ, ապա, թերևս, ավելի հաճախ, կանոնավոր կերպով իրար կհաջորդեն։ Դատավարությունը արագ վերջացնելը ձեռնտու է բոլորին, մյուս կողմից, սակայն, նախնական քննությունները պետք է բոլոր տեսանկյուններից հիմնովին լինեն, և երբեք չպետք է դրանցով պայմանավորված ջանքերը պատճառ դառնան դատավարության շատ երկար տևելուն։ Այդ իսկ պատճառով դատական մարմինները հանգել են այն եզրակացությանը, որ ելքը շուտ֊շուտ իրար հաջորդող, բայց կարճատև քննություններն են։ Դրա համար կիրակի օրն են ընտրել, որ Կ֊ի հիմնական գործին չխանգարեն։ Նախօրոք ենթադրել են, որ նա ևս կհամաձայնի։ Եթե հանկարծ Կ֊ն ուրիշ օր ցանկանա, ապա հնարավորին չափ | + | ==Առաջին հետաքննությունը== |
+ | |||
+ | Կ֊ին հեռախոսով տեղյակ պահեցին, որ հաջորդ կիրակի օրը նար գործով նախնական կարճատև քննություն է տեղի ունենալու։ Նրա ուշադրությունը հարվիրեցին այն բանի վրա, որ նախնական քննություններըը եթե ոչ ամեն շաբաթ, ապա, թերևս, ավելի հաճախ, կանոնավոր կերպով իրար կհաջորդեն։ Դատավարությունը արագ վերջացնելը ձեռնտու է բոլորին, մյուս կողմից, սակայն, նախնական քննությունները պետք է բոլոր տեսանկյուններից հիմնովին լինեն, և երբեք չպետք է դրանցով պայմանավորված ջանքերը պատճառ դառնան դատավարության շատ երկար տևելուն։ Այդ իսկ պատճառով դատական մարմինները հանգել են այն եզրակացությանը, որ ելքը շուտ֊շուտ իրար հաջորդող, բայց կարճատև քննություններն են։ Դրա համար կիրակի օրն են ընտրել, որ Կ֊ի հիմնական գործին չխանգարեն։ Նախօրոք ենթադրել են, որ նա ևս կհամաձայնի։ Եթե հանկարծ Կ֊ն ուրիշ օր ցանկանա, ապա հնարավորին չափ կընդառաջեն նրան։ Քննություններն, օրինակ, հնարավոր է նաև գիշերներն անցկացնել, բայց այդ ժամերին Կ֊ն երևի բավական առույգ չլինի։ Համենայնդեպս, քանի դեռ Կ֊ն չի առարկում, դրանք տեղի կունենան կիրակի օրերին, ինքնին հասկանալի է, որ նա անպայման պետք է ներկայանա, այդ բանը նրան, ինչ խոսք, կարիք չկա հիշեցնել։ Հայտնեցին տան համարը, ուր նախնական քննություն էր կայանալու․ այն գտնվում էր հեռու, արվարձանային փողոցում։ Այդ կողմերում Կ֊ն դեռ չէր եղել։ | ||
Տեղեկությունն իմանալուց հետո Կ֊ն առանց պատասխանելու կախեց խոսափողը։ Նա անմիջապես վճռեց կիրակի օրը գնալ։ Գնալ, իհարկե, պետք էր։ Դատավարությունն ընթացք էր առնում, ինքը պետք է դեմն առներ․ այս առաջին քննությունը միաժամանակ նաև վերջինը կդառնար։ Կ֊ն դեռ մտախոհ կանգնած էր հեռախոսի մոտ, երբ թիկունքում լսեց տնօրենի տեղակալի ձայնը․ նա զանգել էր ուզում, մինչդեռ Կ֊ն փակել էր ճանապարհը։ | Տեղեկությունն իմանալուց հետո Կ֊ն առանց պատասխանելու կախեց խոսափողը։ Նա անմիջապես վճռեց կիրակի օրը գնալ։ Գնալ, իհարկե, պետք էր։ Դատավարությունն ընթացք էր առնում, ինքը պետք է դեմն առներ․ այս առաջին քննությունը միաժամանակ նաև վերջինը կդառնար։ Կ֊ն դեռ մտախոհ կանգնած էր հեռախոսի մոտ, երբ թիկունքում լսեց տնօրենի տեղակալի ձայնը․ նա զանգել էր ուզում, մինչդեռ Կ֊ն փակել էր ճանապարհը։ | ||
Տող 448. | Տող 448. | ||
Տնօրենի տեղակալը վերցրեց խոսափողը և, մինչ սպասում էր, որ կմիացնեն, խոսափողի վրայով դիմեց Կ֊ին։ | Տնօրենի տեղակալը վերցրեց խոսափողը և, մինչ սպասում էր, որ կմիացնեն, խոսափողի վրայով դիմեց Կ֊ին։ | ||
− | ― Մի հարց, պարոն Կ․։ Չէի՞ք ցանկանա | + | ― Մի հարց, պարոն Կ․։ Չէի՞ք ցանկանա կիրակի առավոտյան առագաստանավով համատեղ զբոսանքի հաճույքը պատճառել ինձ։ Ավելի մեծ հասարակություն է հավաքվելու, նրանց մեջ, իհարկե, նաև Ձեր ծանոթները կլինեն։ Ի դեպ, դատախազ Հաստերերը՝ նույնպես։ Կգա՞ք։ Ուրախ կլինենք Ձեր ներկայությունը։ |
− | Կ֊ն փորձեց ուշադրություն դարձնել տնօրենի տեղակալի խոսքերին։ Նրա համար այնքան էլ անկարևոր չէր հրավերը, որովհետև տնօրենի տեղակալի հետ նա երբեք հաշտ չէր եղել։ Այս | + | Կ֊ն փորձեց ուշադրություն դարձնել տնօրենի տեղակալի խոսքերին։ Նրա համար այնքան էլ անկարևոր չէր հրավերը, որովհետև տնօրենի տեղակալի հետ նա երբեք հաշտ չէր եղել։ Այս հրավերը նրա կողմից հաշտվելու փորձ էր, ցույց էր տալիս, թե որքան կարևոր դեմք է դարձել Կ֊ն, և բանկի երկրորդ խոշոր պաշտոնյան որքան արժեքավոր է համարում նրա բարեկամությունը կամ, առնվազն, անկողմնակալությունը։ Թեկուզև հեռախոսային զրույցին սպասելու ժամանակ, խոսափողի վրայով ասված, այս հրավերն, այնուամենայնիվ, տնօրենի տեղակալի նվաստացումն էր, իսկ Կ֊ն ստիպված էր երկրորդ նվաստացումը հասցնել նրան։ |
― Շատ շնորհակալություն,― ասաց նա,― բայց, ցավոք, կիրակի օրը ժամանակ չունեմ, մի առիթով արդեն խոստացել եմ։ | ― Շատ շնորհակալություն,― ասաց նա,― բայց, ցավոք, կիրակի օրը ժամանակ չունեմ, մի առիթով արդեն խոստացել եմ։ | ||
− | ― Ափսոս,― ասաց տնօրենի տեղակալը և անդրադարձավ այդ պահին միացված հեռախոսազրույցին։ Կարճ խոսակցություն չէր, մինչդեռ Կ֊ն իր ցրվածությամբ ամբողջ ժամանակ մնաց ապարատի մոտ կանգնած։ Միայն, երբ տնօրենի | + | ― Ափսոս,― ասաց տնօրենի տեղակալը և անդրադարձավ այդ պահին միացված հեռախոսազրույցին։ Կարճ խոսակցություն չէր, մինչդեռ Կ֊ն իր ցրվածությամբ ամբողջ ժամանակ մնաց ապարատի մոտ կանգնած։ Միայն, երբ տնօրենի տեղակալը վերջացրեց, նա վախեցավ և, իր այդտեղ իզուր կանգնելը ներելի դարձնելու համար, ասաց․ |
― Նոր զանգահարեցին և ասացին, որ ինչ֊որ տեղ գնամ, բայց մոռացան ժամը հայտնել։ | ― Նոր զանգահարեցին և ասացին, որ ինչ֊որ տեղ գնամ, բայց մոռացան ժամը հայտնել։ | ||
Տող 462. | Տող 462. | ||
― Այնքան էլ կարևոր չէ։― Ասաց Կ֊ն, թեև դրանով նրա՝ քիչ առաջ հայտնած, իր նշանակությամբ արդեն անբավարար ներողությունն ավելի արժեզրկվեց։ | ― Այնքան էլ կարևոր չէ։― Ասաց Կ֊ն, թեև դրանով նրա՝ քիչ առաջ հայտնած, իր նշանակությամբ արդեն անբավարար ներողությունն ավելի արժեզրկվեց։ | ||
− | Նրանք միասին հեռացան ապարատի մոտից, տնօրենի | + | Նրանք միասին հեռացան ապարատի մոտից, տնօրենի տեղակալը հեռանալու ժամանակ տարբեր բաների մասին էր խոսում։ Կ֊ն ինքնիրեն ստիպում էր պատասխանել, սակայն մեծ մասամբ մտածում էր, որ ավելի լավ կլինի, եթե կիրակի օրը ժամը իննին գնա, քանի որ աշխատանքային օրերին դատարաններն այդ ժամին են սկսում իրենց աշխատանքը։ |
+ | |||
+ | Կիրակի օրը եղանակը մռայլ էր, Կ֊ն շատ էր հոգնած․ մշտական սեղանակիցների հետ կերուխումի պատճառով մինչև ուշ գիշեր հյուրանոցում էր եղել և քիչ էր մնացել, որ քնով անցներ։ Անելիքների մասին լավ մտածելու, շաբաթվա ընթացքում կազմած ծրագրերը դասավորելու ժամանակ անգամ չկար։ Նա շտապ հագնվեց և առանց նախաճաշելու վազեց նշված արվարձանը։ Զարմանալին այն էր, որ թեև շուրջը նայելու քիչ ժամանակ ուներ, այնուամենայնիվ հանդիպեց իր գործին մասնակից երեք ծառայողներին՝ Ռաբենշտայներին, Կուլլիխին և Կամիներին։ Առաջին երկուսը էլեկտրաքարշի մեջ նստած հատեցին֊անցան Կ֊ի ճանապարհը, իսկ Կամիները նստել էր սրճարաններից մեկի դարատափում, և, պահը, երբ Կ֊ն անցավ, հետաքրքրված թեքվեց բազրիքի վրա։ Նրանք բոլորն էլ, հավանաբար, նայեցին իր հետևից և զարմացան, թե ինչպես էր վազում իրենց վերադասը։ Անհասկանալի մի կամակորություն Կ֊ին հետ պահեց մեքենա նստելուց։ Ամեն մի, թեկուզ աննշան, օտար օգնությունից նա զզվանք էր զգում, միաժամանակ չէր ուզում որևէ մեկին զբաղեցրած լինել և դրանով, հենց թեկուզ նվազագույնս, հաղորդակից դարձնել գործին։ Դրանից բացի բոլորովին ցանկություն չուներ չափից դուրս մեծ ճշտապահությամբ նվաստանալ քննչական հանձնաժողովի մոտ։ Ու թեև ներկայանալու ստույգ ժամը նշված չէր, այժմ նա միայն վազում էր, որ հնարավորության դեպքում ժամը իննին լիներ տեղում։ Նա կարծում էր, թե դեռ հեռվից որևէ առանձհանատուկ նշանի (հստակ չէր պատկերացնում, թե ինչ) կամ մուտքի մոտ խռնված բազմության շնորհիվ կճանաչի այդ տունը։ Սակայն Հուլիուսշտրասեն, ուր պետք է գտնվելիս լիներ տունը, և որի ծայրին Կ֊ն մի պահ կանգ առավ, երկու կողմերից համարյա միատեսակ, բարձր, գորշ, աղքատ մարդկանցով բնակեցված, վարձու տրվող տներով լի փողոց էր։ Այժմ՝ կիրակի առավոտյան, պատուհանների մեծ մասը զբաղեցված էր․ տղամարդիկ շապկանց կախվել էին դուրս, ծխում էին կամ փոքր երեխաներին էին զգույշ ու քնքշորեն պահել պատուհանների գոգերին։ Մնացած պատուհանները ծածկված էին սավաններով, նրանցից մեկի վերևից երևում էր մի կնոջ մազախռիվ գլուծը։ Նրբանցքի երկու կողմերից մարդիկ իրար ձայն էին տալիս, այդ կանչերը ազդում էին Կ֊ի վրա՝ բարձր ճիչ ու ծիծաղ էին թվում։ Երկար փողոցում կանոնավոր հեռավորությամբ շարված էին փոքր, նկուղային խանութները, որտեղից մթերք գնել կարելի էր միայն մի քանի աստիճան իջնելուց և ներս մտնելուց հետո։ Կանայք ներսուդուրս էին անում կամ մայթերին կանգնած զրուցում էին։ Մի մրգավաճառ, որ պատուհաններից դուրս կախվածներին իր ապրանքն էր առաջարկում, քիչ էր մնում սայլակով գետին գլորեր իրենից ոչ պակաս անուշադիր կանգնած Կ֊ին։ Պատուհաններից մեկից լսվում էր քաղաքի բարեկեցիկ արվարձաններում ձեռք բերված գրամոֆոնի ջղեր քայքայող նվագը։ | ||
+ | |||
+ | Կ֊ն դանդաղ խորացավ նրբանցքի մեջ։ Կարծես այժմ արդեն ժամանակ ուներ կամ քննիչը պատուհաններից մեկից տեսնում էր իրեն և տեղյակ էր ուրեմն, որ ինքը ճիշտ ժամանակին է եկել։ Ժամը իննից մի քանի րոպե էր անցել։ Նշված տունը բավական հեռու էր ընկած և անսովոր կերպով ձգված էր․ հատկապես մուտքի դարպասն էր բարձր, լայն։ Դարպասը հաստատ նախատեսված էր ապրանքային տարբեր խանութների պատկանող, գործատների վերտառությունը կրող (դրանցից մի քանիսին Կ֊ն բանկից էր ծանոթ) բեռնատար սայլերի համար, որոնք խցանել էին ընդարձակ բակը։ Հակառակ իր սովորության, այդ ամեն անկարևոր բաներով տարված, նա մի պահ մնաց մուտքի մոտ կանգնած։ Նրանցից քիչ հեռու, արկղի վրա ոտաբոբիկ մի մարդ էր նստած և թերթ էր կարդում։ Ձեռնասայլակի վրա երկու տղա էին ճոճվում, ջրի պոմպի մոտ, գիշերազգեստը հագին, մի վտիտ աղջիկ էր կանգնել և, մինչև ջուրը նրա ամանն էր լցվում, նայում էր Կ֊ին։ | ||
+ | |||
+ | Բակի անկյունում երկու պատուհանների միջև պարան էր ձգված, վրան՝ կախված լվացք։ Ներքևում կանգնած մարդը երբեմն֊երբեմն ձայն տալով ղեկավարում էր աշխատանքը։ Քննչական սենյակը գտնելու համար Կ֊ն շրջվեց աստիճանի կողմը, սակայն նորից կանգնեց լուռ, որովհետև այդ աստիճանից բացի բակ դուրս եկող երեք տարբեր մուտքեր տեսավ, բացի այդ, թվաց, թե բակի խորքում գտնվող անցումը երկրորդ բակն է տանում։ Նա զայրացավ, որ սենյակի դիրքը ճշգրիտ չեն նկարագրել (զարմանալի անտարբերությամբ կամ անփութությամբ էին վարվել իր հետ), մտադրվեց աղմուկ բարձրացնել և հստակություն մտցնել այդ հարցում։ Ի վերջո նա բարձրացավ աստիճանն ի վեր և հիշեց պահակ Վիլլեմի խոսքը․ հանցանքն է դատարան առաջնորդում։ Հետևաբար, քննչական սենյակը պետք է պատահաբար ընտրված աստիճանների մոտ լիներ։ Վեր բարձրանալիս նա խանգարում էր ասիտճանների վրա խաղացող երեխաներին, որոնց չարացած էին նայում, երբ Կ֊ն անցնում էր իրենց արանքով։ | ||
+ | |||
+ | «Հաջորդ անգամ գալուց շաքարի մի ամբողջ գործարան կվերցնեմ հետս, որ սիրաշահեմ սրանց, կամ էլ՝ ձողափայտ, որ քշեմ»,― մտածեց նա։ | ||
+ | |||
+ | Երկրորդ հարկի հարկի մոտ կանգնած, նա ստիպված էր մի փոքր սպասել նույնիսկ, մինչև հոլը դադարեց պտտվել, իսկ այդ ընթացքում թափառաշրջիկի աղավաղված դեմքով երկու տղաներ բռնել էին նրա շալվարից։ Եթե ուզում էր ազատվել նրանցից, պետք է թափ տար ոտքերը, բայց այդպես ցավ կպատճառեր նրանց, մինչդեռ վախենում էր աղմուկ բարձրացնելուց։ | ||
+ | |||
+ | Անմիջապես երկրորդ հարկից սկսվեց իսկական փնտրտուքը։ Որովհետև չէր կարող հարցնել քննչական հանձնաժողովի մասին, ոմն մի կահույքագործի Լանցի ազգանուն հնարեց։ Անունը միտն ընկավ, քանի որ ֆրաու Գրուբախի ազգական կապիտանը նույնպես Լանց ազգանունն էր կրում։ Այժմ Կ֊ն ուզում էր բոլոր բնակարաններում հարցնել՝ արդյոք այստե՞ղ է ապրում կահույքագործ Լանցը․ այդ կերպ սենյակների ներսը նայելու հնարավորություն կստանար։ Սակայն պարզվեց, որ ներս նայելը հնարավոր է առանց այլևայլի, որովհետև համարյա բոլոր դռները բաց էին, երեխաները ներսուդուրս էին վազվզում։ Որպես կանոն, դրանք փոքր, մի պատուհան ունեցող սենյակներ էին, որ միաժամանակ խոհանոցի դեր էին կատարում․ մի քանի կանայք ծծկեր երեխաները գրկներին, ազատ ձեռքերով բզբզում էին օջախների մոտ։ Իրենց մերկությունը հավանաբար միայն գոգնոցով ծածկած աղջնակներին ավելի ջանասիրաբար էին այսուայնկողմ վազվզում։ Բոլոր սենյակներում մահճակալներին պառկած մարդիկ կային․ դրանք կամ հիվանդներ էին, կամ քնած էին, կամ հագուստով էին մեկնվել մահճակալներին։ Կ֊ն թակում էր փակ բնակարանների դռները և հարցնում․ արդյոք այստեղ ոմն կահույքագործ Լանց բնակվո՞ւմ է, թե՞ ոչ։ Դուռը բացողները մեծ մասամբ կանայք էին․ լսում էին հարցը, շուռ էին գալիս սենյակի կողմը և անկողնուց դուրս ցցված որևէ մեկին հարցնում․ | ||
+ | |||
+ | ― Պարոնը ուզում է իմանալ՝ այստեղ Լանց ազգանունով մարդ ապրո՞ւմ է։ | ||
+ | |||
+ | ― Լա՞նց,― հարցնում էին ներսից։ | ||
+ | |||
+ | ― Այո,― ասում էր Կ֊ն, թեև իր գործն այս բնակարանում արդեն ավարտված էր․ երևում էր, որ քննչական հանձնաժողովը այստեղ չէր նստում։ | ||
+ | |||
+ | Շատերը մտածում էին, թե Կ֊ի համար շատ կարևոր է կահույքագործ Լանցին գտնելը, երկար մտածում էին, որևէ կահույքագործի մասին էին ասում, որի ազգանունը Լանց չէր կամ Լանց ազգանվան հետ մոտավոր նմանություն ուներ, հարևաններին էին հարցնում, ներս ընկած դռան կողմն էին ուղեկցում Կ֊ին, ուր, նրանց կարծիքով, պետք է որ ենթավարձակալությամբ ապրող նման մի մարդ լիներ կամ մեկը կար, որ կարող էր իրենցից ավելի լավ տեղեկություն տալ։ Ի վերջո, արդեն համարյա թե նա չէր հարցնում, այլ այդպես հարկից հարկ էր ուղեկցվում։ Կ֊ն զղջաց առաջին հայացքից կիրառելի թվացող ծրագրի համար։ Վեցերորդ հարկ բարձրանալուց առաջ նա վճռեց դադարեցնել որոնումները, հրաժեշտ տվեց ուղեկցելու պատրաստ, բարեկամաբար տրամադրված բանվորին ու ներքը իջավ։ Հետո ողջ ձեռնարկման անօգուտ լինելը կրկին ջղայնացրեց նրան, նա հետ դարձավ ու բախեց վեցերորդ հարկի առաջին դուռը։ Առաջին բանը, որ նա տեսավ այդ փոքրիկ սենյակում, պատի մեծ ժամացույցն էր․ սլաքները ժամը տասն էին ցույց տալիս։ | ||
+ | |||
+ | ― Լանց ազգանունով կահույքագործ ապրո՞ւմ է այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Խնդրեմ։― Ժպտացող սև աչքերով ջահել կինը, որ տաշտի մեջ երեխայի սպիտակեղենն էր լվանում, թաց ձեռքով ցույց տվեց կողքի սենյակի բաց դուռը։ | ||
+ | |||
+ | Կ֊ն մտածեց, թե ներսում ժողով է։ Տարբեր մարդկանց հրմշտոցը լցրել էր երկու պատուհան ունեցող միջին մեծության սենյակը, որն անմիջապես առաստաղի տակ գտնվող վերնասրահով էր օղակված, և որը նույնպես լեփլեցուն էր մարդկանցով․ այնտեղ մարդիկ միայն կռացած էին կարող կանգնել, նրանց գլուխներն ու մեջքերը դիպչում էին առաստաղին։ Ոչ ոք հոգ չտարավ ներս մտնողի մասին։ | ||
+ | |||
+ | ― Ես կահույքագործ Լանցի մասին հարցրեցի։― Սենյակի օդը շատ ծանր էր Կ֊ի համար, և նա, դուրս գալով, նորից դիմեց երիտասարդ կնոջը, որ հավանաբար սխալ էր հասկացել իրեն։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Ներս գնացեք, խնդրեմ։ | ||
+ | |||
+ | Կ֊ն երևի չհետևեր հրավերին, եթե կինը չմոտենար, բռնակը չառներ ձեռքն ու չասեր․ | ||
+ | |||
+ | ― Ձեր հետևից պետք է փակեմ դուռը։ Այլևս ոչ մեկին չի կարելի ներս մտնել։ | ||
+ | |||
+ | ― Խելացի է ասված, բայց հիմա էլ ներսում չափից դուրս շատ մարդ կա,― ասաց Կ֊ն ու, այնուամենայնիվ, ներս մտավ։ | ||
+ | |||
+ | Կիպ դռան մոտ կանգնած երկու մարդկանց արանքից (նրանցից մեկը խիստ առաջ պարզած ձեռքերով փող համրելու շարժումներ էր անում, մյուսը սուր հայացքով նայում էր նրա աչքերին) մի ձեռք ձգվեց Կ֊ի կողմը․ փոքրամարմին, կարմիր այտերով պատանի էր։ | ||
+ | |||
+ | ― Եկեք, եկեք,― ասաց նա։ | ||
+ | |||
+ | Կ֊ն թողեց, որ նա ուղեկցի։ Պարզվեց, որ այդ վխտացող մարդկանց հրմշտոցի մեջ մի բարակ ճանապարհ կար, որը կարծես երկու խմբի էր բաժանում կանգնածներին։ Այդ եզրակացության օգտին էր խոսում նաև այն, որ Կ֊ն աջ ու ձախ կողմերի առաջին մի քանի շարքերում հազիվ թե դեմքով իր կողմը շրջված մարդ տեսավ․ միայն մեջքերն էին երևում, և նրանց խոսքերն ու շարժումները սոսկ իրենց խմբակցության մարդկանց էին ուղղված։ Նրանց մեծ մասը սև հագուստով էր․ տոն օրերի համար նախատեսված, հնաոճ, երկար ու արձակ զգեստներ էին։ Միայն դրանք էին շփոթեցնում Կ֊ին, թե չէ այս ամբողջը նա շրջանի քաղաքական ժողով կհամարեր։ | ||
+ | |||
+ | Սրահի մյուս ծայրում, դեպի ուր Կ֊ին ուղեկցեց պատանին, շատ ցածր, մարդկանցով ճիշտ նույն ձևով ծանրաբեռնված պատվանդանի վրա փոքր սեղան էր դրված լայնքով, սեղանի հետևում՝ պատվանդանի եզրին, կարճ, գեր, ֆնչացնելով շնչող մարդ էր նստած և թիկունքում կանգնածի հետ բարձրաձայն ծիծաղելով զրուցում էր։ Կանգնած մարդը արմունկով հենվել էր բազկաթոռի թիկնակին և խաչել էր ոտքերը։ Նստած պաշտանյան երբեմն ձեռքը բեր էր նետում, կարծես ինչ֊որ մեկի ծաղրապատկերն էր ներկայացնում։ Կ֊ին ուղեկցող պատանին ձգտում էր զեկուցել։ Երկու անգամ, ոտնաթաթերի վրա ձգվելով, նա փորձեց մի բան ասել, սակայն վերևում նստածը այս կողմ չէր նայում։ Միայն, երբ պատվանդանին կանգնածներից մեկը պաշտոնյանի ուշադրությունը հրավիրեց պատանու վրա, մարդը շուռ եկավ ու ներքև կռացած՝ լսեց ցածրաձայն զեկույցը, հետո հանեց ժամացույցը և արագ հայացք նետեց Կ֊ի կողմը։ | ||
+ | |||
+ | ― Դուք պետք է մի ժամ հինգ րոպե առաջ լինեիք,― ասաց նա։ | ||
+ | |||
+ | Կ֊ն փորձեց պատասխանել, բայց ժամանակ չունեցավ, որովհետև հազիվ էր մարդը վերջացրել խոսքը, դահլիճի աջ մասում ընդհանուր մռռոց բարձրացավ։ | ||
+ | |||
+ | ― Դուք պետք է մի ժամ հինգ րոպե առաջ եկած լինեիք։― Այժմ արդեն ավելի բարձր ձայնով ասաց պաշտոնյան և արագ նայեց ներքև՝ դահլիճին։ Մռռոցն անմիջապես ուժեղացավ ու, քանի որ մարդն այլևս ոչինչ չասաց, աստիճանաբար մարեց։ Այժմ դահլիճում ավելի լուռ էր, քան Կ֊ի ներս գալու ժամանակ։ Միայն վերնասրահում հավաքվածները չդադարեցրին իրենց նկատողությունները։ Նրանք, որքանով որ կիսախավարի, ծուխ ու փոշում մեջ հնարավոր էր որևէ բան տարբերել, ավելի վատ էին հագնված, քան ներքևինները։ Մի քանիսը հետները բարձեր էին բերել և, գլուխները ցավագնորեն չխփելու համար, դրել էին ատաստաղի ու գլուխների արանքում։ | ||
+ | |||
+ | Կ֊ն որոշել էր ավելի շատ զննել, քան խոսել, այդ իսկ պատճառով հրաժարվեց իր կարծեցյալ ուշացման համար արդարացնող փաստարկներ բերել։ | ||
+ | |||
+ | ― Նույնիսկ, եթե շատ ուշացած լինեմ, արդեն այստեղ եմ։― Միայն ասաց նա։ Խոսքին ծափահարություն հաջորդեց․ նորից աջ կողմից։ | ||
+ | |||
+ | «Հեշտ սիրաշահվող մարդիկ են»,― մտածեց Կ֊ն և սթափվեց միայն թիկունքում գտնվող ձախակողմյան հատվածի լռությունից։ Այնեղից մի քանի անջատ֊անջատ ծափահարություններ լսվեցին։ Նա մտածեց, թե ինչ կարող էր ասել, որ միանգամից բոլորին կամ, եթե դա հնարավոր չլիներ, գոնե կարճ ժամանակով մյուսներին ևս իր կողմը գրավեր։ | ||
+ | |||
+ | ― Այո,― ասաց մարդը,― բայց ես այլև պարտավոր չեմ քննել Ձեզ։― Կրկին մռռոց լսվեց, այս անգամ արդեն սխալ հասկացված, որովհետև նստած պաշտոնյան, ձեռքի շարժումով մարդկանց լռեցնելով, շարունակեց։― Ես այսօր բացառության կարգով կքննեմ Ձեզ, բայց նման ուշացում այլևս չպետք է կրկնվի։ Առաջ եկեք։ | ||
+ | |||
+ | Վերևում կանգնածներից մեկը ներքև թռավ, այնպես որ Կ֊ի համար տեղ ազատվեց։ Նա վեր բարձրացավ ու կանգնեց սեղանին կիպ սեղմված։ Նրա թիկունքում այնպիսի սարսափելի հրմշտոց էր, որ եթե չէր ուզում սեղանը, ինչպես նաև քննիչին, ներքև գլորել, պետք է դիմադրեր։ Քննիչը, սակայն, այդ մասին չէր մտահոգվում, այլ իրոք հարմար նստել էր բազկաթոռին և, թիկունքում կանգնած մարդուն խոսակցությունը եզրափակող մի քանի բառ ասելուց հետո, ձեռքը մեկնեց նշումների փոքր գրքին, որ միակ իրն էր սեղանի վրա։ Հին, շատ թերթելուց տեսքից ընկած, տետրանման գիրք էր։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն,― քննիչը թերթեց տետրն ու այնպիսի տոնով ասաց, որ կարծես հաստատելիս լիներ,― Դուք ներկարար եք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, այլ մի խոշոր բանկի առաջին հավատարմատարը։― Այս պատասխանից աջակողմյան խմբակցությունում այնպիսի ծիծաղ բարձրացավ, որ Կ֊ն էլ նրանց միացավ։ Մարդիկ ձեռքերը հենել էին ծնկներին ու ցնցվում էին, կարծես հազալիս լինեին։ Նույնիսկ վերնասրահում էին առանձին մարդիկ ծիծաղում։ Վերջնականապես զայրացած քննիչը, որ հավանաբար անզոր էր ներքևում նստածների դեմ, փորձեց փոխարենը վերնասրահին հատուցել․ վեր թռավ տեղից, սպառնաց, և նրա սովորաբար ոչ այնքան աչքի զարնող սև, խիտ հոնքերը գզգզված իրար եկան աչքերի վերևում։ | ||
+ | |||
+ | Սրահի ձախակողմյան հատվածը շարունակ լուռ էր, մարդիկ այնտեղ շարքերով կանգնած, դեմքերը պատվանդանին դարձրած, նույն անտարբերությամբ ականջ էին դնում վերևում փոխանակվող բառերին ու մյուս խմբացկության աղմուկին։ Նրանք թույլ էին տալիս, որ իրենց միջից առանձին֊առանձին մարդիկ երբեմն խոսեին դիմացի կողմինների հետ։ Ձախ կողմում նստածները, իմիջիայլոց, ավելի սակավաթիվ էին, պետք է որ հիմնականում նաև պակաս կարևոր մադրիկ լինեին, քան աջ կողմում նստածները, սակայն հանգիստ պահվածքը նրանց ավելի նշանակալից տեսք էր տալիս։ Երբ Կ֊ն սկսեց խոսել, համոզված էր, որ իր խոսքը նրանց սրտովն է։ | ||
+ | |||
+ | ― Պարոն քննիչ, Ձեր հարցը՝ (Դուք չհարցրեցիք, այլ, ավելի շուտ հայտարարեցիք պարզապես) արդյո՞ք ես ներկարար եմ, բնորոշ է իմ դեմ հարուցած ողջ հետաքննությանը։ Կարող եք առարկել, թե սա բնավ հետաքննություն չէ և իրավացի կլինեք, որովհետև սա հետաքննություն կլինի, եթե ես որպես այդպիսի ընդունեմ այն։ Սակայն ես միայն այս պահի համար եմ ընդունում, և դա անում եմ ինչ֊որ տեղ նույնիսկ կարեկցանքից ելնելով։ Այլ կերպ հնարավոր չէ, եթե մարդ դեռ ուզենա ընդհանրապես ուշադրություն դարձնել։ Չէի ասի, թե փնթի հետաքննություն է, սակայն կուզենայի այդ բնորոշումը Ձեզ ինքնաճանաչման համար առաջարկած լինել։ | ||
+ | |||
+ | Կ֊ն ընդհատեց իր խոսքը և նայեց ներքև՝ դահլիճին։ Նրա խոսքերը սուր էին, ավելի սուր, քան ինքն էր մտադրվել, բայց և այնպես՝ ճիշտ։ Ասվածը, անշուշտ, ծափահարության արժանի էր, սակայն լռություն էր տիրում, նստածները լարված սպասում էին, թե ի՞նչ է լինելու։ Լռության մեջ երևի թե ժայթքում էր նախապատրաստվում, ժայթքում, որ ամեն ինչին վերջ էր տալու։ Լռությունը խախտեց դահլիճի հակառակ ծայրում բացվող դուռը․ ջահել լվացարարուհին էր, որ հավանաբար վերջացրել էր գործը։ Նա ներս մտավ ու, չնայած շարժումների զգուշավորությանը, մի քանիսի ուշադրությունը իր վրա հրավիրեց։ Միայն քննիչը անմիջական հաճույք պատճառեց Կ֊ին․ թվաց, թե խոսքերից վիրավորվեց իսկույն։ Վերնասրահին լռեցնելու համար նա ոտքի էր կանգնել ու, Կ֊ի խոսքերից անակնկալի եկած, մինչև այս պահը կանգնած ականջ էր դնում, իսկ այժմ՝ լռության մեջ, այնպես դանդաղ նստեց, որ թվաց, թե չի ուզում, որ իր նստելը նկատած լինեին։ Դեմքին հանգիստ արտահայտություն տալու համար նա կրկին դիմացը պահեց գրքույկը։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ չի օգնի, պարոն քննիչ,― ասաց Կ֊ն։― Ձեր գրքույկն էլ է հաստատում իմ խոսքերը։ | ||
+ | |||
+ | Այս անծանոթ հավաքույթում իր հանգիստ ձայնը լսած լինելուց գոհ՝ Կ֊ն համարձակվեց նույնիսկ առանց երկար մտածելու քննիչի ձեռքից վերցնել գրքույկը, մատների ծայրերով մեջտեղի թերթերից բռնած (կարծես վախենում էր գրքույկից) այնպես բարձրացրեց, որ խիտ գրելով ծածկված պիսակավոր, դեղնած թերթերը ներքև կախվեցին։ | ||
+ | |||
+ | ― Սրանք քննիչի վավերագրեր են,― ասաց նա ու գրքույկը գցեց սեղանին։― Շարունակեք կարդալ, պարոն քննիչ։ Պարտքերի այդ գրքից ես, իրոք, չեմ վախենում, թեև այն ինձ համար անմատչելի է։ Ինչ ուզում է լինի, ես այն երբեք չեմ վերցնի ձեռքս, թերևս կարող եմ միայն երկու մատով բռնել։ | ||
+ | |||
+ | Սոսկ խորը վիրավորվածության նշան կարող էր լինել կամ, առնվազն, այդպես պետք է հասկացվեր, երբ գրքույկը սեղանին ընկնելուց հետո քննիչը իսկույն ձեռքն առավ այն, փորձեց մի փոքր կարգի բերել և կարդալու համար նորից պահեց դիմացը։ | ||
+ | |||
+ | Առաջին շարքի մարդիկ այնպես էին լարված դեմքներն ուղղել Կ֊ին, որ նա մի պահ նրանց՝ ներքև էր նայում։ Ներքևում նստածները, առանց բացառության, հասակավոր մադրիկ էին, մի քանիսը՝ սպիտակամորուս։ Նրանք երևի ազդեցիկ մարդիկ էին և կարող էին ներազդել քննիչի նվաստացման պատճառով ընդհատված ժողովի ընթացքի վրա․ Կ֊ի խոսքերից հետո ժողովը կարծես փակուղի էր ընկել։ | ||
+ | |||
+ | ― Ինձ հետ կատարվածը,― առաջվանից ավելի մեղմ ձայնով առաջին շարքում նստածների դեմքերին անընդհատ հետևելով շարունակեց Կ֊ն, և նրա խոսքը դրանից կարծես փոքր֊ինչ կտրատված դարձավ։― Ինձ հետ կատարվածը միայն մասնակի դեպք է և, որպես այդպիսին՝ ոչ այնքան կարևոր, որովհետև ես այնքան էլ ծանր չեմ ընդունում։ Սակայն դա շատերի դեմ կիրառված հետաքննության ձևի բնորոշ գիծն է։ Այդ է իմ խոսելու պատճառը, և ոչ թե իմ գործը։ | ||
+ | |||
+ | Նա ակամա բարձրացրել էր ձայնը։ Ինչ֊որ տեղ մեկը բարձրացրած ձեռքերով ծափահարեց ու բղավեց․ | ||
+ | |||
+ | ― Կեցցե՛ք։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Կեցցե՛ք և կրկի՛ն անգամ կեցցեք։ | ||
+ | |||
+ | Առաջին շարքում նստածներից ոմանք բռնեցին մորուքները, ոչ ոք բացականչության կողմը շուռ չեկավ։ Կ֊ն նույնպես ոչ մի նշանակություն չտվեց «կեցցեք» կանչին, սակայն քաջալերված էր․ այդ պահին նրա համար այնքան էլ կարևոր չէր բոլորի ծափահարությունը։ Բավական էր, որ ներկա գտնվողները սկսեին մտածել և որևէ մեկին կարելի լիներ համոզելով իր կողմը գրավել։ | ||
+ | |||
+ | ― Հռետորական հաջողությունն ինձ պետք չէ։― Իր մտքերի ընթացքից ելնելով ասաց Կ֊ն։― Թող դա ինձ համար անհասանելի լինի, կարևոր չէ։ Պարոն քննիչը, հավանաբար, ինձնից լավ է խոսում։ Դա, ախր, նրա գործն է։ Իմ ուզածը միայն սոցիալական արատի հրապարակային քննարկումն է։ Լսեցեք ինձ։ Մոտ տաս օր առաջ ինձ ձերբակալեցին։ Անձամբ ինձ համար ծիծաղելի է ձերբակալված լինելու փաստը, սակայն այժմ այդ մասին չխոսենք։ Վաղ առավոտյան հարձակվեցին ինձ վրա։ Քննիչի քիչ առաջվա խոսքերից բացառված չէ, որ նրանց հրամայած լինեին ինձնից ոչ պակաս անմեղ մի ներկարարի ձերբակալել, սակայն նրանք ինձ ընտրեցին։ Կողասենյակը երկու գռեհիկ պահակներ էին զբաղեցրել։ Եթե ես վտանգավոր ավազակ լինեի, դժվար թե ավելի խիստ նախազգուշական միջոցներ ձեռք առնված լինեին։ Դրանից բացի, նրանք վառ դրսևորված ապիկարներ էին։ Նրանք գլուխս տարան իրենց բարբաջանքով, ուզում էին, որ կաշառեի իրենց, սպիտակեղենս ու զգեստներս էին ուզում խաբկանքով կորզել, փող էին ուզում, որ իբր թե նախաճաշ բերեն ինձ համար՝ այն բանից հետո, երբ իմ սեփական նախաճաշը առանց ամաչելու կերան իմ աչքի առաջ։ Եվ ավելին, ինձ վերակացուի մոտ՝ երկրորդ սենյակ տարան։ Այդ սենյակում ի օրիորդ է ապրում, որին ես շատ եմ գնահատում, և պետք է տեսնեի, թե ինչպես է այդ սենյակը իմ պատճառով, բայց ո՛չ իմ մեղքով, պահակների ու վերակացուի այնտեղ գտնվելու փաստով ապականվում։ Հանգիստ մնալը հեշտ չէր, սակայն ես տիրապետեցի ինձ և անխռով տոնով հարցրեցի, թե ի՞նչն է իմ ձերբակալման պատճառը։ Եթե վերակացուն այստեղ լիներ, կհաստատեր այս խոսքերը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխանեց նա․ մինչև հիմա կարծես տեսնում եմ նրան իմ դիմաց․ նստել էր օրիորդի բազկաթոռին՝ որպես բթամիտ գոռոզության մարմնացում։ Պարոնայք, ընդհանրապես վերցրած՝ նա ոչինչ չպատասխանեց։ Գուցեև նա իրո՞ք ոչինչ չգիտեր․ ձերբակալել էր ինձ ու գոհ էր դրանից։ Նա նույնիսկ մի ավելորդ բան էր արել․ մեր բանկի երեք ցածր պաշտոնյաների էր բերել օրիորդի սենյակը, և նրանք զբաղված էին օրիորդի լուսանկարներին՝ նրա սեփականությանը ձեռք տալով ու իրար խառնելով։ Այդ պաշտոնյաների ներկայությունը, իհարկե, նաև ուրիշ նպատակ էր հետապնդում։ Նրանք, ինչպես նաև իմ բնակարանատիրուհին և նրա աղախինը, պետք է տարածեին ձերբակալության լուրը, վնաս պատճառեին իմ հասարակական դիրքին և իմ դիրքը թուլացնեին հատկապես բանկում։ Դրանից ոչինչ չստացվեց, նույնիսկ նվազագույնս չստացվեց։ Իմ բնակարանատիրուհին՝ մի պարզ անձնավորություն (ես այստեղ ուզում եմ նրա նունը հարգանքով տալ, ֆրաու Գրուբախ է նրա անունը), անգամ ֆրաու Գրուբախը բավական խելացի դուրս եկավ հասկանալու համար, որ նման մի ձերբակալությունը ուրիշ ոչինչ չի նշանակում, քան հարված, որ փողոցի ոչ բավական լավ դաստիարակված տղաներն են կարող հասցնել։ Կրկնում եմ, այս ամենը ինձ միայն տհաճություն պատճառեց և ժամանակավոր զայրույթ, բայց արդյո՞ք չէր կարող ավելի վատ հետևանքներ ունենալ։ | ||
+ | |||
+ | Երբ Կ֊ն խոսքն ընդհատեց ու նայեց լուռ նստած քննիչին, նրան թվաց, թե քննիչը ամբոխի մեջ նստած մեկին հայացքով նշան արեց։ Կ֊ն ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Հենց այս պահին պարոն քննիչը իմ ներկայությամբ իր մարդեկանցից մեկին գաղտնի նշան է անում։ Ուրեմն նրանց մեջ մարդիկ կան, որ այստեղից նշաններով են կառավարվում։ Չգիտեմ, արդյոք այդ նշանը սուլո՞ց, թե՞ ծափահարություն է կորզելու, սակայն, գիտակցելով հանդերձ, որ նախօրոք կանխորոշում եմ իմ գործի ընթացքը, հրաժարվում եմ իմանալ նշանի իմաստը։ Ինձ համար միևնույնն է, և ես պարոն քննիչին բացահայտ լիազորում եմ․ ներքևի վարձկան պաշտոնյաներին նշան անելու տեղակ պարզորոշ հրամայեք․ «Այժմ շվացրեք կամ՝ ծափահարեք»։ | ||
+ | |||
+ | Քննիչը՝ շփոթված թե անհամբեր, այսուայնկողմ շարժվեց բազկաթոռի մեջ։ Թիկունքում կանգնած մարդը, որի հետ սա զրուցում էր սկզբում, կրկին խոնարհվեց, կարծես ուզում էր արիություն ներշնչել նրան կամ կարևոր խորհուրդ տալ։ Մարդիկ ներքևում աշխույժ, սակայն ցածրաձայն, զրուցում էին։ Երկու խմբակցությունները, որ քիչ առաջ թվում էր, թե հակառակ տեսակետներ ունեն, համախմբվեցին, հատուկենտ մարդիկ մատնացույց արեցին Կ֊ին, մյուսները՝ քննիչին։ Սենյակի մշուշանման ծուխը ծայրահեղ անտանելի էր, այն թույլ չէր տալիս նույնիսկ քիչ հեռու կանգնածներին ավելի լավ զննել։ Ծուխն, հավանաբար, հատկապես վերնասրահի մարդկանց էր խանգարում։ Նրանք, կատարվածի մասին մանրամասն տեղեկանալու համար՝ քննիչի կողմը վախվորած հայացքներ նետելով, ստիպված էին հավաքույթի մասնակիցներին ցածրաձայն հարցուփորձ անել։ Պատասխանները նույնպես ցածրաձայն էին, խոսում էին ձեռքերը բերաններին դեմ կողքանց պահած։ | ||
+ | |||
+ | ― Հիմա վերջացնեմ,― ասաց Կ֊ն և, որովհետև զանգակ չկար, բռունցքով խփեց սեղանին։ Հարվածից վախեցած, քննիչի ու նրա խորհրդականի գլուխները իսկույն հեռացան իրարից։― Ես հեռու եմ այս ամենից, այդ իսկ պատճառով հանգիստ եմ դատողություններ անում, և դուք, թեթ ենթադրյալ դատը կարևոր է ձեզ համար, կարող եք մեծ օգուտ քաղել, եթե լսեք ինձ։ Քիչ առաջ ասածս խոսքերի համատեղ քննարկումը, խնդրում եմ, ավելի ուշ ժամի հետաձգել, քանզի ես ժամանակ չունեմ և շուտով գնալու եմ։ | ||
+ | |||
+ | Անմիջապես լռություն տիրեց․ ուրեմն Կ֊ն արդեն այդ աստիճան իշխում էր ժողովի ընթացքի վրա։ Նստածներն առաջվա պես չէին աղմկում, այլևս ծափահարություններ չէին լսվում, թվում էր, թե Կ֊ի խոսքերը համոզել էին մարդկանց կամ արդեն համոզում էին։ | ||
+ | |||
+ | ― Կասկած չկա։― Կ֊ն շատ կամաց խոսեց, որովհետև նրան դուր էր գալիս բոլոր ներկաներին լարված ականջ դնելը․ այդ լռության մեջ աղմուկ կար, որ ավելի հաճելի էր, քան ամենահիացական ծափահարությունը։― Կասկած չկա, որ կոնկրետ այս դեպքում՝ ձերբակալման ու այսօրվա հարցաքննության բոլոր դրսևորումների թիկունքում մի մեծ կազմակերպություն է կանգնած, մի կազմակերպություն, որ ոչ միայն կաշառվող պահակներ, գռեհիկ վերակացուներ ու քննիչներ ունի (նրանք համեստ են մաիայն՝ երբ դա ձեռնտու է), այլ նաև բարձր բարձրագույն աստիճանի անտենակազմ՝ ծառաների, գրագիրների, ժանդարմների, օգնական այլ ուժերի, նույնիսկ դահիճների (չեմ վախենում գործածել այս բառը) անհրաժեշտ, անհամար շքախմբով։ Ո՞րն է այս կազմակերպության անելիքը, պարոնայք։ Գուցե այն, որ անմեղ մարդկանց ձերբակալի և նրանց դեմ անիմաստ, մեծ մասամբ, ինչպես այս դեպքում է, ապարդյուն հետաքննությո՞ւն սկսի։ Ինչպե՞ս կարելի է այս ամենի անմտության պայմաններում ծառայակազմի բարքերի ապականությունից խուսափել։ Անհնար է, և անգամ ամենավերին դատավորը չի կարողանա դրան հասնել։ Այդ է պատճառը, որ պահակները փորձում են ձերբակալվածի հագից հանել շորերը, վերակացուները օտար բնակարաններ են խուժում, անմեղ մարդկանց հարցաքննելու փոխարեն քննիչը անարգում է նրանց ողջ հավաքույթի առաջ։ Պահակները միայն պահասենյակների մասին պատմեցին։ Այնտեղ է տարվում ձերբակալվածի սեփականությունը։ Ես կուզենայի մի անգամ տեսնել այդ սրահները, ուր ձերբակալվածի տքնանքով ձեռք բերած կարողությունն է փտում, քանի դեռ գող֊ծառայողները չեն յուրացրել։ | ||
+ | |||
+ | Դահլիճի ծայրում մեկը ճչաց։ Կ֊ն ընդհատեց խոսքը, և, որովհետև ցերեկվա լույսը մշուշը սպիտակավուն էր դարձրել ու կուրացնում էր, ձեռքի ափով հով արեց աչքերին, որ կարողանա նայել։ Լվացարարոհին էր․ հենց սկզբից նրա ներս մտնելը Կ֊ն խախտում էր համարել։ Մեղավոր էր նա, թե ոչ, հնարավոր չէր այժմ ասել․ մի տղամարդ քաշել էր նրան դռան մոտի անկյունը և իրեն էր սեղմում։ Բայց ոչ թե լվացարարուհին էր ճչում, այլ՝ տղամարդը․ լայն բացել էր բերանը և առաստաղին էր նայում։ Երկուսի շուրջը մի փոքր օղակ էր գոյացել, իսկ վերնասրահի՝ մոտ գտնվող այցելուները կարծես հիացած նայում էին, որ Կ֊ի հավաքույթում ստեղծած լուրջ մթնոլորտը նման ձևով է ընդհատվում։ Առաջին տպավորության անմիջական ազդեցության տակ Կ֊ն իսկույն ցանկացավ այդ կողմը վազել, մտածեց նաև, որ բոլորի համար կարևոր կլինի կարգուկանոն հաստատելը, զույգին առնվազն դահլիճից հեռացնելը, սակայն նրա աչքերի առաջ մոտակա շարքերը մնացին ինչպես կային, ոչ ոք տեղից չշարժվեց և ոչ ոք չթողեց, որ Կ֊ն անցներ։ Դեռ ավելին։ Ծերունիները առաջ պարզած ձեռքերով խանգարեցին նրան, իսկ ինչ֊որ մեկի ձեռքը (Կ֊ն շրջվելու ժամանակ չունեցավ) հետևից բռնեց նրա օձիքը։ Կ֊ն, բնական է, այլևս չէր մտածում զույգի մասին, նրան թվաց, թե իր ազատությունը սահմանափակեցին, ձերբակալումը կարծես լուրջ էր դառնում, և նա՝ առանց իրեն հաշիվ տալու, ցատկեց պատվանդանից։ Այժմ նա դեմառդեմ կանգնել էր ամբոխի առաջ։ Նա ճի՞շտ կարծիքի էր եղել մարդկանց մասին, արդյո՞ք իր խոսքերին ավելի մեծ ազդեցություն չէր վերագրել։ Ուրեմն, քանի դեռ ինքը խոսում էր, նրանք ձևացնում էին, և այժմ, երբ հերթը եզրահանգումներին հասավ, նրանք արդեն կո՞ւշտ էին ձև թափելուց։ Ի՜նչ դեմքեր էին շրջապատել Կ֊ին։ Նրանց սև, փոքր աչքերը արագ֊արագ այսուայնկողմ էին շարժվում, այտերը կախ էին ընկած՝ ինչպես հարբեցողներինն է լինում, երկար, ցանցառ մորուքները ցցվել էին համառ, և մարդիկ խաղում էին դրանց հետ, բայց թվում էր, թե նրանք միայն իրենց մագիլներն էին ցույց տալիս և ոչ թե խաղում։ Մորուքների տակ (Կ֊ի միակ հայտնագործությունն էր)՝ օձիքների վրա, տարբեր մեծության ու գույնի նշաններ էին պսպղում։ Որքան որ հնարավոր էր տեսնել՝ բոլորն այդ նշաններով էին։ Նրանք համախմբված էին՝ աջ ու ձախ թվացյալ խմբակցությունները, և երբ Կ֊ն պատահաբար շրջվեց, նման նշան տեսավ նաև ձեռքերը գոգը դրած, հանգիստ ներքև նայող քննիչի օձիքին։ | ||
+ | |||
+ | ― Այդպե՜ս,― բացականչեց Կ֊ն ու ձեռքերը վեր նետեց․ հանկարածակի ձեռք բերված ճանաչողությանը տարածություն էր պետք։― Ինչպես տեսնում եմ, բոլոր պաշտոնյաներդ նույն այլասերված ավազակախմբից եք, և, որ ձեր դեմ եմ խոսել, այժմ խռնվում եք այստեղ՝ լրտեսների ու խարդախների նման։ Թվացյալ խմբերի էիք բաժանվել, ինձ ստուգելու համար ծափահարում էիք, ուզում էիք սովորել, թե ինչպես պետք է անմեղ մարդկանց գայթակղել։ Դե, ես հուսով եմ, դուք իզուր տեղը չէիք այստեղ։ Կամ խոսել եք այն մասին, թե որևէ մեկը անմեղ կողմի պաշտպանությունն է ակնկալել ձեզնից կամ․․․ Թո՛ղ, թե չէ կխփեմ,― բղավեց Կ֊ն շատ մոտ եկած, դաղացող ծերունու վրա։― Կամ էլ, իրոք, ինչ֊որ բան սովորեցիք։ Դե, հաջողություն եմ ցանկանում ձեզ ձեր արհեստում։ | ||
+ | |||
+ | Նա արագ վերցրեց սեղանի եզրին դրված գլխարկը և, համընդհանուր լռության տակ (կատարյալ անսպասելիության լռության տակ), մղվեց դեպի ելքը։ Պարզվեց, որ քննիչն ավելի արագաշարժ է, որովհետև նա արդեն սպասում էր դռան մոտ։ | ||
+ | |||
+ | ― Մի րոպե,― ասաց նա։ Կ֊ն կանգնեց, բայց ոչ քննիչին նայեց, այլ՝ դռանը, որի բռնակը արդեն ձեռքում էր։― Կուզենայի միայն Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Դուք այսօր (առայժմ դժվար թե գիտակցեք), որ Դուք այսօր զրկվեցիք այն առավելությունից, որ, ամեն դեպքում, ձերբակալվածի համար ընձեռում է հարցաքննությունը։ | ||
+ | |||
+ | Կ֊ն, դռանը նայելով, ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | ― Քրջոտներ,― բղավեց նա։― Ձեզ լինեն բոլոր հարցաքննությունները։ | ||
+ | |||
+ | Նա բացեց դուռը և աստիճաններով ներքև շտապեց։ Նրա թիկունքում բարձրացավ աշխուժությունը վերագտնող հավաքույթի աղմուկը․ այնտեղ հավանաբար սկսեցին ուսանողների պես քննարկել կատարված դեպքերը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Նիստերի դատարակ դահլիճում։ Ուսանողը։ Գրասենյակներում== | ||
+ | |||
+ | Հաջորդ շաբաթվա ընթացքում Կ֊ն օրըստօրե նոր ծանուցման էր սպասում և չէր կարողանում հավատալ, որ հարցաքննություններից իր հրաժարվելը ընդունել են բառացիորեն։ Երբ սպասված ծանուցումը մինչև շաբաթ երեկո չեկավ, նա ենթադրեց, թե, առանց այլևայլության, նույն ժամին հրավիրվում է նույն տեղը։ Կիրակի օրը նա գնաց այնտեղ։ Այս անգամ աստիճաններով ու միջանցքներով ուղիղ գնաց։ Մի քանիսը, որ անցած կիրակի օրվանից հիշում էին նրան, իրենց դռների մոտ կանգնած ողջունեին, սակայն նա այլևս ոչ մեկին որևէ բան հարցնելու կարիք չուներ և շուտով մոտեցավ անհրաժեշտ դռանը։ Կ֊ն թակեց։ Իսկույն բացեցին, և նա, առանց ծանոթ կնոջը հայացքով փնտրելու (վերջինս կանգնել էր դռան մոտ), ուզեց անմիջապես կողքի սենյակն անցնել։ | ||
+ | |||
+ | ― Այսօր նիստ չկա,― ասաց կինը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ պետք է նիստ չլինի,― լսածին չհավատաց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | Կինը՝ դուռը բացելով, համոզեց նրան։ Դահլիճը իրոք դատարկ էր, և դատարկության մեջ նրա տեսքը ավելի խղճուկ էր, քան անցած կիրակի։ Պատվանդանին՝ առաջվա նման դրված սեղանի վրա մի քանի գրքեր կային։ | ||
+ | |||
+ | ― Կարելի՞ է գրքերը նայել,― հարցրեց Կ֊ն ոչ թե հետաքրքրությունից մղված, այլ ընդհանրապես այստեղ իզուր եկած չլինելու համար։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։― Կինը փակեց դուռը։― Չի թույլատրվում։ Գրքերը քննիչինն են։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ։― Կ֊ն գլխով արեց։― Դրանք հավանաբար օրենսգրքեր են և պատկանում են դատավարության այն սիստեմին, երբ մարդուն ոչ թե անմեղ տեղը, այլ առանց տեղյակ պահելու են դատապարտում։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է։― Կինն այնքան էլ լավ չէր հասկացել Կ֊ին։ | ||
+ | |||
+ | ― Դե, այդ դեպքում ես գնամ։ | ||
+ | |||
+ | ― Քննիչին որևէ բան ասե՞մ։ | ||
+ | |||
+ | ― Դուք ճանաչո՞ւմ եք նրան։ | ||
+ | |||
+ | ― Ինչ խոսք։ Իմ ամուսինը դատարանում է ծառայում։― Միայն այժմ Կ֊ն նկատեց, որ սենյակը՝ ուր անցած կիրակի օրը միայն լվացքի տաշտն էր դրված, լրիվ կահավորված, բնակելի սենյակի տեսք ունի։ Կինը նկատեց նրա զարմանքը։ | ||
+ | |||
+ | ― Այո, մեր բնակարանը ազատ է, սակայն նիստերի օրերին պետք է սենյակը դատարկենք։ Ամուսնուս գործը իր որոշ թերի կողմերն ունի։ | ||
+ | |||
+ | ― Ես այնքան էլ չեմ զարմանում սենյակի վրա,― ասաց Կ֊ն ու զարմացած նայեց կնոջը։― Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ Դուք ամուսնացած եք։ | ||
+ | |||
+ | ― Դուք երևի վերջին նիստի ժամանակ կատարված դե՞պքն եք ակնարկում։ Ես ընդհատեցի Ձեր խոսքը։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, արդեն եղել֊անցել է և համարյա մոռացվել, սակայն անցած կիրակի դա ինձ կատաղության հասցրեց։ Իսկ հիմա ինքներդ եք ասում, թե ամուսնացած եք։ | ||
+ | |||
+ | ― Ի վնաս Ձեզ չէր, որ ընդհատեի։ Ձեր գնալուց հետո դեռ շատ ոչ նպաստավոր կարծիքներ էին հայտնում Ձեր մասին։ | ||
+ | |||
+ | ― Թեկուզ։ Սակայն դա չի արդարացնում Ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Ով ճանաչում է ինձ, արդարացնում է, իսկ նա, որ այն օրը գրկեց ինձ, արդեն երկար ժամանակ է հետապնդում ինձ։ Թեև ընդհանրապես ես գայթակղիչ չեմ, սակայն նրան այդպիսին եմ թվում։ Այստեղ արդեն պաշտպանվել հնարավոր չէ, ամուսինս էլ է համակերպվել դրա հետ․ եթե ուզում է իր տեղը պահպանել, պետք է համբերի, որովհետև այն մարդը ուսանող է, և ենթադրվում է, թե մեծ դիրքի կհասնի։ Նա շարունակ հետապնդում է ինձ։ Քիչ առաջ գնաց։ Նա գնաց, և Դուք եկաք։ | ||
+ | |||
+ | ― Ինձ չի զարմացնում։ Այստեղի համար դա շատ բնորոշ է բոլորին։ | ||
+ | |||
+ | ― Դուք երևի ուզում եք որոշ բանե՞ր բարեփոխել։― Կինը քննախույզ նայեց Կ֊ին և այնպես դանդաղ հարցրեց, կարծես թե՛ Կ֊ի, թե՛ իր համար վտանգավոր ինչ֊որ բանի մասին էր խոսում։― Ես Ձեր անցած շաբաթվա խոսքերից եզրակացրեցի․ անձամբ ինձ դրանք շատ դուր եկան։ Ես մի մասը լսեցի միայն։ Սկիզբը բաց էի թողել, իսկ վերջում ուսանողի հետ պառկած էի հատակին։ Այստեղ այնպես զզվելի է։― Որոշ ընդմիջումից հետո ավելացրեց նա ու բռնեց Կ֊ի ձեռքը։― Դուք հավատո՞ւմ եք, որ Ձեզ կհաջողվի բարեփոխում մտցնել։― Կ֊ն ժպտաց ու կնոջ փափուկ ափերի մեջ պտտեց ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Ինչ խոսք, այստեղ, ինչպես Դուք արտահայտվեցիք, բարեփոխումների հասնելը իմ գործը չէ, և եթե, օրինակ, քննիչին նման բան ասեք, Ձեզ կամ կծաղրեն կամ էլ կպատժեն։ Եթե իմ կամքին թողնեին, ես, իհարկե, երբեք չէի խառնվի այս գործերին, և դատավարման վերափոխման անհրաժեշտությունը երբեք չէր խանգարի իմ քունը։ Բայց որ՝ ինձ իբր թե ձերբակալեցին․ ես հիմա ձերբակալված եմ, դրանով իսկ ստիպեցին, արդեն ի պաշտպանություն իմ սեփական անձի, ձեռնամուխ լինել։ Սակայն, եթե կարողանամ իմ նաև ինչ֊որ կերպ օգտակար լինել Ձեզ, ինչ խոսք, մեծ հաճույքով կանեմ ամեն ինչ։ Ոչ թե սոսկ մերձավորի հանդեպ ունեցած սիրուց, այլ նաև այն պատճառով, որ Դուք էլ կարող եք ինձ օգնել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչպե՞ս եմ կարող։ | ||
+ | |||
+ | ― Ասենք, այն սեղանի վրայի գրքերը ցույց տալով։ | ||
+ | |||
+ | ― Ինչ խոսք։― Կինը նրան փութով տարավ իր հետևից։ | ||
+ | |||
+ | Դրանք հին, ձեռքից ձեռք անցած գրքեր էին, մեկի կազմը մեջտեղում ճաքել էր, միայն մետաքսաթելերն էին պահում թերթերը։ | ||
+ | |||
+ | ― Ինչ կեղտոտ է այստեղ ամեն ինչ։― Գլուխն օրորելով ասաց Կ֊ն, և կինը՝ նախքան Կ֊ն կհասցներ գրքերը ձեռքն առնել, գոգնոցով երեսանց սրբեց կազմի փոշին։ Կ֊ն բացեց վերևի գիրքը, մի անվայել նկար երևաց․ մի տղամարդ ու կին մերկ նստել էին բազմոցին։ Նկարչի գռեհիկ մտադրությունը պարզ էր, բայց նրա անշնորհքությունն այնքան մեծ էր եղել, որ նրանց մարմինները նկարի մեջ չափից դուրս առանձնանում էին․ փայտացածի նման ձիգ նստել էին և, մարմնի սխալ կառուցման պատճառով, թվում էր, թե միայն ջանքերի գնով են իրար նայում։ Կ֊ն չշարունակեց թերթելը, այլ բացեց հաջորդ գրքի կազմը։ Դրա վերնագիրն էր․ «Տանջանքներ, որ պետք է կրեր Գրետան իր ամուսին Հանսից»։ | ||
+ | |||
+ | ― Նման գրքե՞ր են ուսումնասիրում այստեղ, և այդ գրքերը կարդացած մարդի՞կ են դատելու ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ես կօգնեմ Ձեզ։ Ուզո՞ւմ եք,― հարցրեց կինը։ | ||
+ | |||
+ | ― Արդյոք իրականում կկարողանա՞ք առանց Ձեզ վտանգի ենթարկելու օգնել։ Ախր քիչ առաջ ասացիք, թե Ձեր ամուսինը կախման մեջ է իր վերադասներից։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, ուզում եմ օգնած լինել։ Եկեք քննարկենք։ Ինձ սպառնացող վտանգի մասին ոչ մի խոսք․ ես դրանից վախենում եմ, միայն երբ ուզում եմ։ Եկեք։― Կինը ցույց տվեց պատվանդանը և Կ֊ին խնդրեց նստել իր կողքին։ | ||
+ | |||
+ | ― Գեղեցիկ, սև աչքեր ունեք։― Երբ նստել էին, ասաց կինը և նայեց Կ֊ի դեմքն ի վեր։― Ասում են, թե իմ աչքերն ևս գեղեցիկ են, բայց Ձերն ավելի լավն են։ Ի դեպ, ես դա անմիջապես նկատեցի, երբ առաջին անգամ ներս մտաք։ Դուք էիք պատճառը, որ ավելի ուշ ներս մտա ժողովի սրահը։ Նման բան ես դեռ արած չկայի․ արգելված է։ | ||
+ | |||
+ | «Այդ է որ կա,― մտածեց Կ֊ն։― Իր մարմինն է առաջարկում։ Նա էլ է այստեղի բոլոր մարդկանց նման փչացած։ Ինքնին հասկանալի է․ արդեն կուշտ է պաշտոնյաներից և պատահած առաջին անծանոթին ողջունում է աչքերի մասին ասված հաճոյախոսությամբ»։ | ||
+ | |||
+ | Նա կարծես բարձրաձայն էր արտահայտել մտքերը․ լուռ վեր կացավ ու դրանով իր վերաբերմունքը բացատրեց կնոջը։ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարծում, թե կկարողանաք օգնել ինձ։― Ասաց նա։― Օգնելու համար պետք է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունենալ, իսկ Դուք, իհարկե, ճանաչում եք միայն այստեղ վխտացող ենթակա պաշտոնյաներին։ Սրանց, անկասկած, շատ լավ եք ճանաչում, և նրանց մոտ ինչ֊որ բանի կարող եք հասնել։ Դրանում ես կասկած չունեմ, սակայն, ինչի էլ որ հասնելու լինեք, դատավարության վերջնական արդյունքի համար լրիվ անկարևոր կլինի, մինչդեռ այդ քայլով այստեղից մի քանի ընկերներ կկորցնեք։ Ես համաձայն չեմ։ Շարունակեք Ձեր մինչայժմյան կյանքը այս մարդկանց հետ։ Ի դեպ, ինձ թվում է, որ դա անհրաժեշտ է Ձեզ։ Ես ոչ առանց ափսոսանքի եմ ասում սա, քանի որ Ձեր հաճոյախոսությանը ինչ֊որ կերպ պատախանած լինելու համար պետք է խոստովանեմ, որ Դուք էլ ինձ եք դուր գալիս։ Առանձնապես, երբ այդպես տխուր եք նայում, թեև, պետք է ասեմ, որ Ձեզ համար տխրելու ոչ մի պատճառ չկա։ Դուք այն հասարակությանն եք պատկանում, որի հետ ես կռիվ պետք է տամ, մինչդեռ այդ հասարակության մեջ շատ լավ եք զգում Ձեզ, նույնիսկ սիրում եք ուսանողին և, եթե անգամ չեք սիրում, ապա գոնե գերադասում եք նրան Ձեր ամուսնուց։ Ձեր խոսքերից հանգիստ կարելի է նման եզրակացության գալ։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ,― բղավեց կինը, մնաց նստած ու բռնեց Կ֊ի ձեռքը․ վերջինս բավական արագաշարժ չգտնվեց ձեռքը ետ քաշելու հարցում։― Դուք չպետք է հեռանաք։ Չպետք է իմ մասին սխալ կարծիք կազմած հեռանաք։ Իսկապե՞ս կկարողանաք հեռանալ այժմ։ Մի՞թե ես այդքան անարժան եմ, որ մի անգամ հաճույք չեք պատճառի և մի քիչ էլ չեք մնա։ | ||
+ | |||
+ | ― Ինձ սխալ հասկացաք։― Կ֊ն նստեց։― Եթե Ձեզ համար այդքան կարևոր է իմ այստեղ մնալը, ես հաճույքով կմնամ։ Ես ժամանակ ունեմ, որովհետև այստեղ գալուց սպասում էի, թե այսօր գործ կլսվի։ Քիչ առաջ ասված խոսքերով ուզում էի խնդրել միայն, որ ոչինչ չձեռնարկեք իմ գործով։ Սակայն դա էլ չպետք է վիրավորի Ձեզ, եթե մտածեք, որ դատավարության ելքը ինձ համար ոչ մի նշանակություն չունի, և որ ես ծիծաղելու եմ դատավճռի վրա։ Այստեղ մի նախապայման է պետք դնել․ եթե իհարկե, դատավարությունն իր ավարտին հասցվի։ Դրան ես շատ եմ կասկածում և ավելի շատ հակված եմ մտածելու, թե հետաքննությունը ծառայողների մոռացկոտության, ծուլության կամ թեկուզ վախկոտության պատճառով արդեն ընահատվել է կամ մոտ ժամանակներս կընդհատվի։ Համենայնդեպս, հնարավոր է նաև, որ կաշառքի մեծ գումարի ակնկալիքով շարունակեն հարցաքննությունը, սակայն, պետք է ասեմ, որ իզուր․ ես ոչ ոքի չեմ կաշառի։ Այնուամենայնիվ, շատ սիրալիր կլինեք իմ հանդեպ, եթե քննիչին կամ կարևոր նորություններ տարածող մեկնումեկին տեղեկացնեք, որ ինձից երբեք և ոչ մի մտացածին բանով (որոնցով այդքան հարուստ են այստեղի պարոնները) չի կարելի կաշառք սպասել։ Կարող եք պարզ ասել, որ իմաստ չունի։ Ի դեպ, շատ հնարավոր է, որ իրենք արդեն հասկացած լինեն, և, եթե անգամ չլինեն էլ, ինձ համար այնքան էլ էական չէ, եթե այժմ իմանան։ Այդպես, ախր, կքչանա պարոնների աշխատանքը, համենայնդեպս, ինձ պատճառելիք մի քանի տհաճություններ ևս կպակասեն։ Դրանք ես հաճույքով եմ ստանձնում, երբ տեսնում եմ, որ դրանցից ամենմեկը միաժամանակ հարված է՝ մյուսներին հասցված։ Եվ ես կհոգամ, որ այդպես լինի։ Դուք, անշուշտ, ճանաչո՞ւմ եք քննիչին։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, հենց նրա մասին էի մտածում, երբ իմ օգնությունն առաջարկեցի։ Ես չգիտեի, որ նա ենթակա պաշտոնյա է, բայց երբ ասում եք, հավանաբար պետք է որ այդպես լինի։ Սակայն կարծում եմ, որ նրա վերև ուղարկած տեղեկագրերը, այնուամենայնիվ, ինչ֊որ ազդեցություն ունե, իսկ նա շատ թղթեր է ուղարկում։ Դուք ասացիք՝ պաշտոնյաները ծույլ են։ Ո՛չ բոլորը, իհարկե։ Հատկապես քննիչը՝ ոչ։ Նա շատ֊շատ է գրում։ Օրինակ, վերջին կիրակի օրվա նիստը մինչև երեկո տևեց, բոլոր ներկաները գնացին, մինչդեռ նա մնաց դահլիճում։ Ես ստիպված էի նրա համար լամպ բերել։ Տանը միայն խոհանոցային ճրագ ունենք, սակայն նա նույնիսկ դրա համար ուրախացավ և անմիջապես կսսեց գրելը։ Այդ ընթացքում ամուսինս եկավ․ կիրակի օրը նա ազատ էր։ Մենք կահույքը բերեցինք, կահավորեցինք սենյակը, հետո հարևանները եկան, մի քիչ էլ մոմի լույսի տակ զրուցեցինք։ Կարճ ասած, մոռացանք քննիչին ու պարկեցինք քելու։ Հանկարծ գիշերը (պետք է որ արդեն գիշեր լիներ) արթնանում եմ, իսկ մահճակալի կողքին կանգնել է քննիչն ու ձեռնափը պահել լամպի դեմ, որ ամուսնուս վրա լույս չընկնի։ Ավելորդ զգուշավորություն էր․ նա այնպես է քնում, որ լույսից չի արթնանա։ Վախեցա, ուզում էի բղավել, սակայն քննիչը շատ մտերմիկ էր հետս․ զգուշացրեց, որ չբղավեմ, շշուկով տեղեկացրեց, որ մինչ այդ պահը գրել է, որ ուզում է վերադարձնել լամպը, և որ երբեք չի մոռանա ինձ քնած տեսնելու պահը։ Այս ամենով ուզում եմ ասել միայն, որ քննիչը իրականում շատ տեղեկագրեր է գրում, հատկապես Ձեր մասին, քանի որ հարցաքննությունը կիրակնօրյա նիստի կարևոր կետերից մեկն էր։ Նման երկարաշունչ գրությունները, իհարկե, չեն կարող կարևոր չլինել։ Դրանից բացի, կարող եք այդ դեպքից եզրակացնել, թե նա ինչքան է ուզում ինձ, և որ ես, հատկապես այժմ՝ առաջին օրերին (նա պետք է որ միայն այժմ նկատած լինի ինձ), կարող եմ նրա վրա ազդել։ Որ նրա համար ինչ֊որ բան նշանակում եմ, մի քանի ապացույցներ ունեմ։ Երեկ նա ուսանողի հետ (ուսանողն հետն է աշխատում ու վայելում է նրա վստահությունը) մետաքսյա գուլպաներ էր նվեր ուղարկել այն պատրվակով, թե նիստերի սենայկում եմ հավաքում։ Սակայն դա միայն պատճառաբանություն է, որովհետև այս գործն իմ պարտականությունն է, և սրա համար ամուսինս վարձատրվում է։ Գեղեցիկ գուլպաներ են, տեսեք։― Նա ոտքերը երկարացրեց, շրջազգեստը բարձրացրեց մինչև ծունկը և նույնպես նայեց։― Գեղեցիկ գուլպաներ են, բայց ինձ հարմար չեն․ շատ նուրբ են։ | ||
+ | |||
+ | Նա հանկարծ լռեց, կարծես Կ֊ին հանգստացնել ցանկանալով՝ ձեռքը դրեց նրա ձեռքին ու շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Սուս, Բերթոլդը մեզ է նայում։― Կ֊ն դանդաղ բարձրացրեց հայացքը։ Սենյակի դռան մեջ մի երիտասարդ էր կանգնած։ Նա կարճահասակ էր, ոչ այնքան ուղիղ ոտքեր ուներ և կարճ, ցանցառ ու կարմրավուն մորուքով (մատները շարունակ մեջն էին) կարծես ուզում էր կարևորություն տալ դեմքին։ Կ֊ն հետաքրքրությամբ նայեց դիմացինին․ այդ մարդուն, ախր, Կ֊ին անծանոթ արդարադատության համակարգի առաջին ուսանողն էր, ում ինքը ինչ֊որ չափով մարդավայել դիմավորեց, մի մարդ, որ, հնարավոր է, երբևէ բարձր պաշտոնների հասներ։ Ուսանողին, ընդհակառակը, բնավ չէր հետաքրքրում Կ֊ն։ Նա միայն մի պահ դադարեց խաղալ մորուքի հետ, մատով նշան արեց կնոջն ու մոտեցավ պատուհանին։ Կինը թեքվեց Կ֊ի կողմը և շշնջաց։ | ||
+ | |||
+ | ― Շատ եմ խնդրում, մի զայրացեք ինձ վրա և վատ մի մտածեք իմ մասին։ Ես այժմ պետք է նրա մոտ գնամ, այս զզվելի մարդու մոտ․ տեսեք միայն նրա ծուռ ոտքերը։ Բայց ես իսկույն ետ կգամ և կգնամ Ձեզ հետ, եթե իհարկե ինձ վերցնեք հետներդ։ Ուր տանեք, կգամ։ Ինձ հետ կարող եք անել ինչ ուզում եք։ Ես երջանիկ կլինեմ, եթե այստեղից հնարավորին չափ երկար ժամանակով հեռանամ․ ավելի լավ կլինի՝ մշտապես։― Նա շոյեց Կ֊ի ձեռքը, ոտքի ցատկեց ու վազեց պատուհանի կողմը։ Կ֊ն ակամա պարզեց ձեռքը։ Կինն իսկապես հրապուրեց նրան, և նա, որքան էլ մտածում էր, որ մի պատճառ չէր գտնում, թե ինչո՞ւ ինքը չպետք է գայթակղմանը ենթարկվեր։ Այն թռուցիկ առարկությունը, թե այդ կինը դատարանի համար է ձեռք գցում իրեն, նա առանց դժվարության վանեց։ Ինչպե՞ս կարող էր կինը բռնացնել իրեն։ Արդյո՞ք ինքն ազատ չէր իր գործողություններում, որ ողջ դատարանին (թեկուզ միայն մի գործի հետ կապված հարցերում) կարողանար անմիջապես տապալել։ Արդյոք նվազ մի վստահություն իսկ չէ՞ր կարող ունենալ իր հանդեպ։ Օգնության վերաբերյալ կնոջ առաջարկը անկեղծ էր հնչում և, հավանաբար, անարժեք չէր։ Քննիչից ու նրա կողմնակիցներից ավելի լավ վերժ Կ֊ն դժվար թե կարողանար մտածել, քան եթե տաներ այս կնոջն ու թաքցներ իր մոտ։ Հետո կարող է այնպես ստացվեր, որ քննիչը, Կ֊ի մասին սուտ տեղեկությունների վրա չարչարվելուց հետո, մի օր ուշ գիշերով դատարկ գտներ կնոջ անկողինը, և դատարկ այն պատճառով, որ կինը Կ֊ին էր պատկանում, որ պատուհանի մոտ կանգնած կինը՝ կոպիտ ու ծանր կտորից կարված մուգ զգեստով այդ փարթամ, տաք ու ճկուն մարմինը, միայն իրեն էր պատկանում։ | ||
+ | |||
+ | Կնոջն առնչվող մտքերը վանելուց հետո Կ֊ն սկզբում մատներով, ապա բռունցքով բախեց պատվանդանը, որովհետև պատուհանի մոտ կանգնածների զրույցը նրան շատ երկար թվաց։ Ուսանողը կնոջ ուսի վրայով կարճ հայացք նետեց, սակայն կարևորություն չտվեց թակոցին, նույնիսկ ավելի մոտ կանգնեց կնոջը և գրկեց նրա իրանը։ Կինը խոր հակեց գլուխը։ Նրան նայողը կմտածեր, թե ուշադիր լսում է դիմացինին, և երբ կինը խոնարհեց գլուխը, ուսանողը՝ առանց խոսքը ընդհատելու, աղմուկով համբուրեց նրա պարանոցը։ Շարունակ կնոջ գանգատների տպավորության տակ՝ ուսանողի համբույրը կնոջ հանդեպ դրսևորված բռնություն թվաց Կ֊ին, և նա ոտքի կանգնեց ու սկսեց սենյակում ետ ու առաջ քայլել։ Ուսանողի կողմը հայացքներ նետելով՝ նա մտածում էր, թե ինչպես կարող է հնարավորին չափ շուտ ազատվել նրանից, և այնքան էլ հաճելի չէր, երբ ուսանողը Կ֊ի՝ դոփյունի վերածվող քայլերից սրտնեղած, նկատեց․ | ||
+ | |||
+ | ― Եթե չեք համբերում, կարող եք հեռանալ։ Դուք կարող էիք ավելի շուռ հեռանալ, ոչ ոք ձեզ չէր խանգարի։ Այո, նույնիսկ պետք է արդեն հեռացած լինեիք․ հենց իմ ներս գալուց հետո, և շատ արագ։ | ||
+ | |||
+ | Այդ դիտողության մեջ նա պետք է որ հանդես բերած լիներ իր ողջ զայրույթը, սակայն նրա բառերում երևում էր նաև չսիրված մեղադրյալի հետ խոսող ապագա պաշտոնյայի գոռոզամտություն։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ համբերում, ճիշտ է։― Նրա կողքին կանգնեց ու ժպտալով ասաց Կ֊ն։― Բայց իմ անհամբերությանը Դուք կարող եք հանգիստ վերջ դնել, եթե թողնեք մեզ։ Թե ինչ֊որ բան ուսումնասիրելու համար եք ներս եկել (լսել եմ, որ ուսանող եք), ապա հաճույքով Ձեզ տեղ կտրամադրեմ ու տիկնոջ հետ կհեռանամ։ Ի դեպ, Դուք սովորելու դեռ շատ բան ունեք, մինչև որ դատավոր դառնաք։ Ես թեև արդարադատության այս համակարգին լավ ծանոթ չեմ, սակայն ենթադրում եմ, որ միայն կոպիտ խոսելաձևը, որին Դուք՝ առանց անհարմար զգալու լավ տիրապետում եք, դեռ բնավ բավական չէ։ | ||
+ | |||
+ | ― Նրան չպետք է թողնեին, որ այդպես ազատ շրջի։― Կարծես Կ֊ի վիրավորական բառերի համար բացատրություն տալու ցանկությամբ՝ կնոջը դիմեց ուսանողը։― Սխալ քայլ թույլ տվեցինք։ Այդ մասին ասել եմ քննիչին։ Նրան պետք էր գոնե հարցաքննությունների միջակա ժամանակահատվածում սենյակից դուրս չթողնել։ Քննիչը երբեմն անհասկանալի բաներ է անում։ | ||
+ | |||
+ | ― Իզուր խոսքեր են,― ասաց Կ֊ն և ձեռքը պարզեց կնոջ կողմը։― Գնանք։ | ||
+ | |||
+ | ― Ախ այդպե՞ս,― ասաց ուսանողը։― Ո՛չ, ո՛չ։ Դուք նրան չեք ստանա։ | ||
+ | |||
+ | Դժվար էր հավատալ, թե նա այդքան ուժ ունի, սակայն կնոջը գիրկն առավ և, կռացած՝ քնքուշ հայացքով նրան նայելով, վազեց դեպի դուռը։ Չէր կարելի ասել, թե նա վախենում էր Կ֊ից․ Կ֊ին գրգռելու համար նա համարձակվեց նույնիսկ ազատ ձեռքով շոյել կնոջ թևն ու սեղմել։ Կ֊ն մի քանի քայլ վազեց նրա կողքով, պատրաստ բռնել և, բռնելու դեպքում, խեղդել նրան, սակայն կինն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ չի օգնի, քննիչն է պատվիրել տանել ինձ։ Ես Ձեզ հետ գնալու իրավունք չունեմ։ Այս փոքրիկ հրեշը,― միաժամանակ նա ձեռքը սահեցրեց ուսանողի դեմքի վրայով,― այս փոքրիկ հրեշը ինձ չի թողնի։ | ||
+ | |||
+ | ― Եվ Դուք չե՞ք ուզում ազատված լինել,― բղավեց Կ֊ն ու ձեռքը դրեց ուսանողի ուսին (վերջինն ուզում էր ատամներով բռնել ձեռքը)։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ։― Կանչեց կինը և երկու ձեռքով ետ մղեց Կ֊ին։― Ո՛չ, ո՛չ։ Միայն ոչ այդ։ Ինչի՞ մասին եք մտածում։ Դա ինձ համար կործանում կլիներ։ Թողեք նրան, խնդրում եմ, թողեք նրան։ Նա, ախր, միայն քննիչի հրամանն է կատարում և ինձ նրա մոտ է տանում։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, թող վազի, և Ձեզ էլ չեմ ուզում այլևս տեսնել։― Հիասթափությունից կատաղած Կ֊ն այնպես խփեց ուսանողի մեջքին, որ վերջինս սայթաքեց, բայց հաջորդ վայրկյանին, բեռը ձեռքին, չընկնելու ուրախությունից ավելի վեր ցատկեց։ Կ֊ն դանդաղ գնաց հետևներից։ Նա հասկացավ, որ սա, անկասկած, այս մարդկանցից կրած առաջին պարտությունն էր։ Անշուշտ վախ ներշնչելու ոչ մի պատճառ չկար, ինքը պարտություն կրեց, որովհետև միայն պայքար էր փնտրում։ Եթե տանը մնար ու իր առօրյա կյանքով ապրեր, այս մարդկանց հանդեպ հազար անգամ ավելի լավ վիճակում կլիներ և դեմն ելնող ամեն մեկին մի քացիով իսկ դեն կնետեր իր ճանապարհից։ Նա մի շատ ծիծաղելի տեսարան պատկերացրեց, որը կներկայանար, եթե, օրինակ, այս խեղճուկրակ ուսանողը, այս փքված երեխան, ծուռտիկ մորուքավոր ծնկի գար Էլզայի մահճակալի մոտ ու ծալած ձեռքերով ներողություն հայցեր։ Այս միտքը այնքան դուր եկավ Կ֊ին, որ նա մտադրվեց հենց առաջին իսկ հնարավորության դեպքում ուսանողին մի անգամ Էլզայի մոտ տանել։ | ||
+ | |||
+ | Հետաքրքրությունից մղված, նա շտապեց դռան կողմը և ուզեց տեսնել, թե ուսանողը ուր տարավ կնոջը․ հո չէր կարող գրկած անցնել փողոցներով։ Պարզվեց, որ ճանապարհը շատ ավելի կարճ էր։ Անմիջապես բնակարանին դեմ հանդիման փայտե նեղ աստիճաններ կային, որ, հավանաբար, ձեղնահարկ էին տանում։ Վերևում աստիճանը պտույտ էր գործում, և ներքևից հնարավոր չէր նրա վերջը տեսնել։ Որովհետև մինչև այդտեղ վազելուց թուլացել էր, ուսանողն արդեն դանդաղ ու փնչացնելով էր վերև տանում կնոջը։ Կինը վերևից ձեռքով արեց Կ֊ին և, ուսերը վերուվար շարժելով, փորձեց ցույց տալ, թե իրեն տանում են, ինքը մեղք չունի, սակայն այդ շարժումների մեջ այնքան էլ շատ ափսոսանք չկար։ Կ֊ն անարտահայտիչ դեմքով, ինչպես օտարին կնայեին, նայեց կնոջը, չէր ուզում ոչ իր հիասթափությունը մատնել, ոչ էլ ցույց տալ, թե կարող է հանգիստ հաղթահարել այդ հիասթափությունը։ | ||
+ | |||
+ | Երկուսն էլ արդեն կորել էին տեսադաշտից, սակայն Կ֊ն դեռ կանգնել էր դռան մեջ։ Նա պետք է ընդուներ, որ կինը ոչ միայն խաբել է, այլ, ասելով, թե իրեն քննիչի մոտ են տանում՝ նաև ստել է։ Քննին, ախր, չէր նստի ձեղնահարկում և սպասի։ Փայտե աստիճանը, ինչքան էլ Կ֊ն նայելու լիներ, ոչինչ չէր կարող բացատրել։ Այդ ժամանակ սանդուղքի կողքին գրություն տեսավ, մոտ գնաց ու կարդաց մանկական անվարժ ձեռագիրը․ «Դատարանի գրասենյակների մուտք»։ Այստեղ, վարձակալվող տան ձեղնահարկո՞ւմ էին, ուրեմն, դատարանի գրասենյակները։ Պատկառանք ազդող հաստատությանը վայել բան չէր դա, և ցանկացած մեղադրյալ՝ պատկերացնելով, թե ինչպիսի միջոցներ կան այս դատարանի տրամադրության տակ (ամենահետին աղքատներին տրամարդված շենքի ձեղնահարկն էր օգտագործվել գրասենյակների համար, մինչդեռ կենվորներն իրենց անպետք հնոտին էին նետում այնտեղ), կարող էր հանգիստ շնչել։ Համենայնդեպս, բացառված չէր, որ բավական փող կար, բայց և որ պաշտոնյաներն էին վրա տալիս, մինչև փողը կարողանային օգտագործել դատարանի ծախսերի համար։ Կ֊ի մինչայժմյան փորձը հուշում էր, որ նման պատկերացումը շատ հավանական էր, ու թեև դատարանի նման բարոյական անկումը մեղադրյալի համար շատ նվաստացուցիչ էր, սակայն ավելի հանգստացնող էր, քան կարող էր լինել աղքատությունը։ Նույն պահին Կ֊ն հասկացավ նաև, որ առաջին հարցաքննության ժամանակ ամաչել են դատապարտյալին ձեղնահարկ առաջնորդել և նախընտրել են անհանգստացնել իր իսկ բնակարանում։ Ինչ դրության մեջ կլիներ Կ֊ն, եթե կանգներ ձեղնահարկում նստած դատավորի դիմաց, այն դեպքում, երբ ինքը բանկում մի մեծ սենյակ ուներ՝ նախասենյակով հանդերձ, իսկ լայն պատուհանը նայում էր քաղաքի աղմկոտ հրապարակին։ Համենայնդեպս, նա ոչ կաշառակերությամբ, ոչ էլ զերծարարությամբ կողմնակի միջոցներ չէր կորզում և չէր կարող ծառային պատվիրել, որ նա որևէ կնոջ գրասենյակ բերեր գրկած։ Կ֊ն, առնվազն այս կյանքում, հաճույքով կհրաժարվեր նման բաներից։ | ||
+ | |||
+ | Նա դեռ կանգնած էր գրասենյակի ցուցանակի մոտ, երբ աստիճաններով մի մարդ բարձրացավ, բաց դռնից նայեց հյուսրասենյակ (այնտեղից նիստերի դահլիճն էլ էր երևում) և վերջապես հարցրեց Կ֊ին՝ արդյոք քիչ առաջ այստեղ մի կնոջ չի՞ տեսել։ | ||
+ | |||
+ | ― Դուք դատարանի կատարածուն եք, չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Այո,― ասաց մարդը։― Ախ, հա։ Դուք մեղադրյալ Կ֊ն եք։ Նոր միայն ճանաչեցի Ձեզ։ Բարով եք եկել։― Նա, Կ֊ի համար անսպասելի, պարզեց ձեռքը։― Այսօր, սակայն, ոչ մի նիստ նշանակված չէ։― Խոսեց կատարածուն, մինչ Կ֊ն շարունակում էր լռել։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ։― Կ֊ն զննեց կատարածուի քաղաքացիական կոստյումը, որի վրա, ի նշան այն բանի, որ դա ծառայողի զգեստ է, սովորական կոճակների հետ կային նաև երկու ոսկեփայլ կոճակներ (դրանք երևի պոկել էին սպայական հին վերարկուի վրայից)։― Քիչ առաջ Ձեր կնոջ հետ էի խոսում, բայց նա այլևս այստեղ չէ․ ուսանողը քննիչի մոտ տարավ։ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞ւմ եք,― ասաց կատարածուն։― Նրան անընդհատ տանում են իմ մոտից։ Տեսեք, այսօր կիրակի է, և ես պարտավոր չեմ ոչ մի աշխատանք կատարել, սակայն միայն այստեղից հեռացնելու համար, որևէ անկարևոր լուր հայտնելու պատրվակով ինձ տեղ են ուղարկում։ Այնքան էլ հեռու չեն ուղարկում, միշտ հույս եմ ունենում, որ շտապելու դեպքում դեռ կարող եմ ժամանակին վերադառնալ։ Վազում եմ, ուրեմն, ինչքան կարող եմ, հիմնարկության դռան ճեղքից (ուր որ ուղարկում են ինձ) հազիվ հասկանալի, շնչակտուր հայտնում եմ լուրը, կրկին ետ եմ սլանում, սակայն պարզվում է, որ ուսանողն ինձնից ավելի արագաշարժ է դուրս գալիս։ Դրանից բացի, նրա անցնելիք ճանապարհ, ախր, ավելի կարճ է, քան՝ իմը։ Նա պետք է ներքև իջնի միայն ձեղնահարկի աստիճաններով։ Եթե այդքան կախման մեջ չլինեի, ուսանողին վաղուց պատին ծեփած կլինեի։ Այ, այստեղ՝ ցուցանակի կողքին։ Շարունակ այդ եմ երազում, այստեղ, հատակից մի քիչ վերև, նա ճզմված ընկած է, ձեռքերը տարածել է, մատները չռված են, ծուռ ոտքերը օղակ են կազմել և շուրջն ամբողջովին արյան շիթեր են։ Սա առայսօր միայն երազ է մնում։ | ||
+ | |||
+ | ― Որևէ այլ ելք չկա՞։― Ժպտաց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ։ Հիմա վիճակն ավելի վատ է։ Մինչև այսօր նա կնոջս միայն իր համար էր տանում, այժմ, սակայն, քննիչի մոտ էլ է տանում։ Ի դեպ, ես դրան վաղուց էի սպասում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ է, Ձեր կինը բնավ մեղք չունի՞։― Կ֊ն, ինչքան էլ որ խանդեր, պատրավոր էր զսպել իրեն և այդ հարցը չպետք է տար։ | ||
+ | |||
+ | ― Ինչ խոսք։ Ամենից շատ նա է մեղավոր։ Ինքը կախ ընկավ ուսանողի վզից։ Ինչ ուսանողին է վերաբերում, բոլոր փեշավորների հետևից վազում է։ Մենակ այս շենքում նրան արդեն հինգ բնակարանից դուրս են շպրտել։ Իմ կինը, ի դեպ, ամենագեղեցիկն է շենքում, և հենց ես եմ անկարող մի բան ձեռնարկել։ | ||
+ | |||
+ | ― Եթե վիճակն այդպես է, ապա ոչինչ չի օգնի։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ չի օգնի։ Ուսանողը վախկոտի մեկն է, և եթե մի անգամ էլ փորձի կնոջս ձեռք տալ, պետք է այնպես ծեծել, որ այլևս չհամարձակվի մոտ գալ։ Ես չեմ կարող ծեծել, իսկ մյուսներն այդ բանն ինձ համար չեն անում։ Վախենում են նրանից։ Միայն Ձեզ նման մարդը կկարողանար այդ բանն անել։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե,― զարմացավ Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Ախր Ձեզ մեղադրում են։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց չէ՞ որ ես ավելի շատ պետք է վախ ունենամ, որ նա, թեկուզ ազդեցություն չունենա էլ դատավարության ելքի վրա, ապա նախնական քննության վրա հավանաբար կկարողանա ազդել։ | ||
+ | |||
+ | ― Այո, իհարկե։― Խոսեց կատարածուն այնպես, կարծես Կ֊ի փաստարկը նույնքան ճիշտ էր, որքան՝ իրենը։― Սակայն մեզ մոտ, որպես կանոն, ոչ մի անհույս դատավարություն չի ընթանում։ | ||
+ | |||
+ | ― Ես Ձեզ համամիտ չեմ, սակայն դա չի խանգարի, որ ուսանողը պատահաբար մշակվի։ | ||
+ | |||
+ | ― Ես Ձեզ շատ երախտապարտ կլինեի։― Կատարածուի ձայնը փոքր֊ինչ պաշտոնական հնչեց, բայց երևում էր, որ նա իր բաղձալի երազանքի իրականացմանը այնքան էլ չէր հավատում։ | ||
+ | |||
+ | ― Ձեր ծառայողներից ոմանք նույնպես, ճիշտն ասած՝ երևի թե բոլորը, ծեծի են արժանի։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո։― Կատարածուի խոսելու տոնից կարելի էր կարծել, թե խոսքը ինքնին հասկանալի ինչ֊որ բանի մասին է։ Հետո նա վստահող հայացք գցեց Կ֊ի վրա (թեև նրանք մտերիմների պես էին զրուցում, կատարածուն առայժմ այդպես չէր նայել) և ավելացրեց։― Մարդիկ անընդհատ խռովություն են բարձրացնում։― Դրանից հետո նրան թվաց, թե զրույցը տհաճ հունով է ընթանում, և ընդհատեց խոսքը, ասելով․― հիմա պետք է գրասենյակ ներկայանամ։ Կգա՞ք հետս։ | ||
+ | |||
+ | ― Ես այնտեղ անելիք չունեմ։ | ||
+ | |||
+ | ― Կարող եք գրասենյակները նայել։ Ոչ ոք Ձեզանով չի հետաքրքրվի։ | ||
+ | |||
+ | ― Արժի՞ տեսնել, որ,― երկմտանքով հարցրեց Կ֊ն, սակայն կատարածուի հետ գնալու մեծ ցանկություն զգաց։ | ||
+ | |||
+ | ― Դե, ես կարծեցի, թե կհետաքրքրի Ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Լավ, կգամ,― ասաց Կ֊ն ու կատարածուից ավելի արագ վազեց աստիճաններին ի վեր։ | ||
+ | |||
+ | Ներս մտնելիս նա քիչ էր մնում ընկներ, որոհվետև դռան հետևում մի աստիճան էլ կար։ | ||
+ | |||
+ | ― Այցելուների վրա այնքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Ընդհանրապես ուշադրություն եչն դարձնում։ Դուք միայն ընդունարանը նայեք։― Ցույց տվեց կատարածուն։ | ||
+ | |||
+ | Միջանցքը երկար էր, կոշտուկոպիտ տաշված դռները ձեղնահարկի տարբեր բաժանմուքներն էին տանում։ Թեև լույսի անմիջական ոչ մի ճառագայթ ներս չէր թափանցում, միջանցքում, այնուամենայնիվ, այնքան էլ մութ չէր, որովհետև բաժանմունքներից մի քանիսը տախտակե հոծ պատերի փոխարեն միջանցքի վրա բացվող, մինչև առաստաղ հասնող փայտե ճաղերով էին։ Նրանց միջով որոշ քանակի լույս էր ներթափանցում, և կարելի էր տեսնել, թե ինչպես մի քանի պաշտոնյաներ գրում էին սեղանների առաջ նստած կամ կանգնել էին ճաղերի մոտ ու անցքերից նայում էին դուրս՝ միջանցքի մարդկանց։ Օրը կիրակի էր, և, հավանաբար, այդ էր պատճառը, որ միջանցքում քիչ մարդ կար, եղածներն էլ շատ համեստ տպավորություն էին թողնում։ Նրանք նստել էին պատերի տակ իրարից համարյա հավասար հեռավորության վրա դրված փայտե նստարաններին։ Բոլորն անխտիր անփույթ էին հագնված, թեև նրանց մեծ մասը՝ դատելով դեմքի արտահայտություններից, կեցվածքներից, մազմորուքից և այլ հազիվ նկատելի, փոքր մանրամասնություններից, հասարակության բարձր խավին էին պատկանում։ Կախիչ ընդհանրապես չկար, և նրանք հավանաբար մեկը մյուսի օրինակին հետևելով, գլխարկները դրել էին նստարանների տակ։ Երբ դռան մոտ նստածները Կ֊ին ու կատարածուին տեսան, ողջույնի համար ոտքի կանգնեցին, և, որովհետև մյուսները նույնպես տեսան, մտածեցին, թե իրենք էլ պետք է ողջունեն․ նրանց առաջ շարժվելուն զուգահեռ, միջանցքում նստածները ոտքի կանգնեցին։ Նրանք երբեք ձիգ ձգված չէին կանգնում․ մեջքները կորացած էին, ծնկները՝ ծալված, կանգնել էին փողոցի մուրացկանների նման։ Կ֊ն սպասեց, մինչև հետևից եկող կատարածուն հավասարվեց իրեն, և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ինչքա՜ն պետք է նվաստացած լինեն նրանք։ | ||
+ | |||
+ | ― Այո, նրանք մեղադրյալներ են։ Այստեղ ում տեսնում եք, բոլորը մեղադրյալներ են։ | ||
+ | |||
+ | ― Իսկապե՞ս։ Այդ դպքում նրանց իմ գործընկերներն են։ Ի՞նչն է այստեղ Ձեր սպասելու պատճառը։― Մոտիկ կանգնած բարձրահասակ, սլացիկ, արդեն համարյա՝ ալեհեր մազերով մարդու կողմը շրջվեց և քաղաքավարի հարցրեց Կ֊ն։ Այդ անսպասելի հարցը, սակայն, շփոթեցրեց մարդուն, և դա ավելի անախորժ տպավորություն թողեց, որովհետև պարզ երևում էր, որ դիմացը կանգնածը աշխարհ տեսած մարդ է, որ մի այլ տեղ, իհարկե, կկարողանար տիրապետել իրեն և շատերի հանդեպ գերազանցություն ունենալ․ ու նրա արաժանապատվությունը հեշտուհանգիստ չէր տեղի տալիս։ Այստեղ, սակայն, նա չէր կարողանում նման մի հասարակ հարցի պատասխանել։ Նայում էր մյուսներին, կարծես նրանք պարտավոր էին օգնել իրեն, և ոչ ոք չէր կարող պատասոխան ակնկալել նրանից, եթե օգնության չհասնեին։ Կատարածուն մոտեցավ և ոտքի կանգնած մարդուն հանգստացնելու, առույգություն հաղորդելու նպատակով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Պարոնն, ախր, հարցնում է միայն, թե ի՞նչն է Ձեր՝ այստեղ սպասելու պատճառը։ Պատասխանեք, ախր։ | ||
+ | |||
+ | ― Ես սպասում եմ․․․― Երևում է կատարածուի ձայնը դրական ազդեցություն ունեցավ, սակայն դիմացինի պատասխանը ասված մի քանի բառից այն կողմ չանցավ։ Գուցե հարցին որոշակի ճշգրտությամբ պատասխանելու ձգտումը պատճառ դարձավ նման սկիզբ ընտրելուն, սակայն շարունակությունը առայժմ բացակայում էր։ Սպասողներից մի քանիսը խմբվեցին նրա շուրջը, կատարածուն հեռացրեց նրանց։ | ||
+ | |||
+ | ― Հեռու, հեռու։ Ազատեք միջանցքը։ | ||
+ | |||
+ | Նրանք ետ քաշվեցին, բայց ոչ մինչև իրենց նախկին տեղերը։ Այդ ընթացքում տղամարդը՝ ում Կ֊ն ուղղել էր հարցը, հավաքեց իրեն և պատասխանեց, մինչև անգամ ժպտաց։ | ||
+ | |||
+ | ― Մի ամիս առաջ իմ գործի կապակցությամբ ապացույցներ ներկայացնելու մի քանի միջնորդագիր եմ հանձնել և դրանց վավերացմանն եմ սպասում։ | ||
+ | |||
+ | ― Բայց, երևում է, Դուք շատ եք նեղություն տվել Ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Այո, ախր իմ գործն է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ ամեն ոք է Ձեզ նման մտածում,― առարկեց Կ֊ն։― Օրինակ, ես էլ Ձեզ նման մեղադրյալ եմ, սակայն, թեկուզ մեռնեմ, ոչ միջնորդագիր կներկայացնեմ, ոչ էլ նման բան կձեռնարկեմ։ Դուք միջնորդագիրն անհրաժե՞շտ եք համարում։ | ||
+ | |||
+ | ― Ճշմարիտը չեմ կարող ասել։― Կատարյալ տարակուսանքի մեջ ասաց մարդը։ Պարզ երևում էր, որ նա մտածում էր, թե Կ֊ն կատակ է անում իր հետ։ Այդ էր պատճառը, որ նա, վախենալով, թե կարող է նոր սխալ թույլ տալ, հաճույքով ցանկացավ կրկնել նախկին պատասխանը, սակայն Կ֊ի անհամբեր հայացքի տակ ասաց միայն․ | ||
+ | |||
+ | ― Ինձ համար կարող եմ ասել, որ միջնորդագիր ներկայացրել եմ։ | ||
+ | |||
+ | ― Դուք հավանաբար չե՞ք հավատում, որ ես մեղադրյալ եմ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Ի՜նչ եք ասում։ Անշուշտ։― Մարդը մի փոքր կողքի քաշվեց, բայց նրա պատասխանի մեջ ոչ թե հավատ, այլ վախ կար։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն չե՞ք հավատում։― Դիմացինի հնազանդությունից գրգռված Կ֊ն չհասկանալով իր արածը, բռնեց նրա ձեռքից, ասես ուզում էր ստիպելով հավատացնել։ Նա այդ մարդուն ցավ պատճառելու ցանկություն չուներ, միայն թեթևակի բռնեց նրա ձեռքը, մինչդեռ տղամարդը այնպես բղավեց, որ թվաց, թե Կ֊ն ոչ թե երկու մատով, այլ շիկացած աքցանով էր բռնել։ Ծիծաղելի ճիչը Կ֊ի մեջ վերջնականապես զզվանք առաջացրեց այդ մարդու հանդեպ․ ավելի լավ, որ չեն հավատում, թե ինքը մեղադրյալ է։ Գուցե դիմացինը դատավորի տեղ էր դրել իրեն։ Հրաժեշտ տալով, նա ավելի ամուր սեղմեց այդ մարդու ձեռքը, ետ հրեց նստարանին ու շարունակեց ճանապարհը։ | ||
+ | |||
+ | ― Մեղադրյալների մեծ մասն այնպես զգայուն են,― ասաց կատարածուն։ | ||
+ | |||
+ | Միջանցքում նստածները նրանց թիկունքում խմբվեցին տղամարդու շուրջը (վերջինս այլևս չէր բղավում) և կարեծս կատարվածի մանրամասներն էին հարցնում։ Կ֊ին ընդառաջ մի պահակ էր գալիս։ Նրան հիմնականում կարելի էր միայն թրից ճանաչել։ Դատելով գույնից՝ թրի պատյանն ալյումինից էր։ Կ֊ն շատ զարմացավ և նույնիսկ պարզեց ձեռքը։ Պահակը, որ աղաղակի պատճառով էր մոտեցել, հարցրեց, թե ի՞նչ է պատահել։ Կատարածուն փորձեց մի քանի բառով հանգստացնել նրան, սակայն պահակը հայտարարեց, թե ինքն անձամբ կստուգի, պատվի առավ ու փութկոտ (երևի հոդատապով էր տառապում), բայց մանրաքայլ հեռացավ։ | ||
+ | |||
+ | Կ֊ն այնքան էլ շատ չմտահոգվեց պահակի ու միջանցքում նստածների մասին։ Պատճառն այն էր, որ միջանքի մեջտեղից դեպի աջ տանող դուռ բացված տեսավ։ Նա կատարածուին հարցրեց՝ արդյոք սա՞ է ճիշտ ճանապարհը, դրական պատասխան ստացավ ու աջ թեքվեց։ Նրա համար շատ տհաճ էր կատարածուի առջևից մեկ կամ երկու քայլ հեռավորությամբ քայլելը, միջանցքում դա կարող էր այն տպավորությունը թողնել, թե ինքը ձերբակալված է, հարցաքննության է տարվում։ Նա հաճախ սպասում էր, մինչև կատարածուն հավասարվում էր, սակայն վերջինս նորից էր ետ ընկնում։ Վերջում արդեն, անհաճո զգացմանը վերջ տալու համար, նա դիմեց կատարածուին․ | ||
+ | |||
+ | ― Արդեն տեսա, թե ինչ կա այստեղ։ Հիմա դուրս գնալ եմ ուզում այստեղից։ | ||
+ | |||
+ | ― Դուք դեռ ամեն ինչ չեք տեսել։― Միանգամից անխարդախ տեսքով ասաց կատարածուն։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ ուզում ամեն ինչ տեսնել։― Կ֊ն, իրոք, արդեն հոգնածություն է զգում։― Ես գնալ եմ ուզում։ Ինչպե՞ս գտնեմ ելքը։ | ||
+ | |||
+ | ― Դուք, ինչ է, մոլորվե՞լ եք արդեն։― Զարմացած հարցրեց կատարածուն։― Գնացեք մինչև անկյունը, այնտեղից՝ աջ, միջանցքով՝ ուղիղ, մինչև դուռը։ | ||
+ | |||
+ | ― Եկեք ինձ հետ։ Ցույց տվեք ճանապարհը։ Ես կխառնեմ ճանապարհները։ Դրանք այստեղ այնքան շատ են։ | ||
+ | |||
+ | ― Միակ ճանապարհն այդ է։― Այժմ արդեն կշտամբանքով՝ ասաց կատարածուն։― Ես չեմ կարող Ձեզ հետ վերադառնալ։ Զեկուցելու բան ունեմ և առանց այդ էլ Ձեր պատճառով ահագին ժամանակ կորցրի։ | ||
+ | |||
+ | ― Եկեք ինձ հետ։― Արդեն ավելի կտրուկ պահանջեց Կ֊ն․ նա կատարածուին կարծես ինչ֊որ անճշտության մեջ էր բռնացրել։ | ||
+ | |||
+ | ― Այդպես մի բղավեք ախր,― շշնջաց կատարածուն․― այստեղ ամենուր գրասենյակներ են։ Եթե մենակ վերադառնալ չեք ուզում, մի քիչ էլ եկեք ինձ հետ կամ այստեղ սպասեք, մինչև զեկուցեմ֊վերջացնեմ։ Հետո մեծ հաճույքով կվերադառնամ Ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, ո՛չ,― առարկեց Կ֊ն։― Ես չեմ սպասի, իսկ Դուք պարտավոր եք այժմ ևեթ ինձ հետ գալ։― Սրահում, ուր նրանք էին այժմ, Կ֊ն դեռ շուրջը չէր նայել, և, երբ փայտե բազմաթիվ դռներից մեկը բացվեց, նա շրջվեց։ Ըստ երևույթին Կ֊ի բարձրաձայն խոսելն էր պատճառը, որ մի աղջիկ դուրս եկավ, մոտեցավ ու հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Պարոնը որևէ բա՞ն է ցանկանում։ | ||
+ | |||
+ | Աղջկա թիկունքում՝ հեռու, կիսամութի մեջ, մոտեցող մի մարդ էլ երևաց։ Կ֊ն նայեց կատարածուին։ Ախր նա ասաց, որ ոչ ոք իրենով չի հետաքրքրվի, մինչդեռ արդեն երկրորդ մարդն էր մոտենում։ Եվս մի քիչ, և բոլորը ուշադրություն կդարձնեին, այստեղ գտնվելու համար բացատրությունը հետևյալն էր․ ինքը ձերբակալված է, ցանկանում է հաջորդ հարցաքննության ամսաթիվն իմանալ։ Սակայն հենց այդ բացատրությունը նա չէր ուզում տալ հատկապես այն պատճառով, որ դա ճշմարտանման չէր։ Միայն հետաքրքրությունից մղված էր նա եկել այստեղ կամ (սա հնարավոր չէր որպես բացատրություն մատուցել) ուզում էր ճշտել՝ արդյո՞ք դատարանը ներքուստ էլ է նույնքան զզվելի, որքան արտաքուստ։ Մի պահ թվաց, թե ինքը իրավացի է նման ենթադրության մեջ․ այլևս չէր ցանկանում առաջ գնալ, մինչև այստեղ հասնելը տեսածներից բավական նեղվել էր և հենց այս պահին ցանկություն չուներ կանգնել որևէ բարձրաստիճան պաշտոնյայի դիմաց, մինչդեռ նրանք կարող էին հայտնվել ցանկացած դռան հետևից։ Մենակ, թե կատարածու ուղեկցությամբ՝ նա այժմ հեռանալ էր ուզում։ Սակայն նրա լուռ կանգնել֊մնալը պետք է որ աչքի զարնող լիներ, որովհետև աղջիկն ու կատարածուն այնպես էին նայում նրան, կարծես հաջորդ պահին մի մեծ փոփոխություն էր կատարվելու, և նրանք չէին ուզում այդ պահը բաց թողնել։ Դռան բացվածքի մեջ կանգնել էր քիչ առաջ հեռու, կիսամութի մեջ ուրվագծված մարդը։ Նա ամուր բռնել էր ցածրիկ դռան հեծանից և անհամբեր հանդիսատեսի նման ճոճվում էր ոտնաթաթերի վրա։ Աղջիկը հենց առաջին հայացքից հասկացավ, որ թեթև տկարությունն է այդ վիճակի պատճառը և մի բազկաթոռ բերեց․ | ||
+ | |||
+ | ― Չէի՞ք ցանկանա նստել։ | ||
+ | |||
+ | Կ֊ն նստեց անմիջապես և ավելի հարմար տեղավորվելու համար արմունկները հենեց արմնկակալներին։ | ||
+ | |||
+ | ― Երևի թեթև գլխապտույտ ունեք, այո՞,― հարցրեց աղջիկը։ Նա բավական մոտ էր կանգնած Կ֊ին, և Կ֊ն աղջկա դեմքի վրա լավ գծագրված խիստ արտահայտություն նկատեց, ինչպիսին լինում է ծաղկուն տարիքի որոշ կանանց մոտ։― Հոգ չտանեք։ Դրանում արտասովոր ոչինչ չկա։ Այստեղ առաջին անգամ եկող համարյա ամենք ոք նման նոպա ունենում է։ Դուք առաջին անգա՞մն եք այստեղ։ Այդ դեպքում արտասովոր ոչինչ չկա։ Արևը տաքացնում է տանիքի գերանները, և տաք փայտը ծանր ու հեղձուցիչ է դարձնում օդը։ Ձեղնահարկը, թեկուզ ինչքան էլ ձեռնտու լինի, գրասենյակների համար այնքան էլ հարմար չէ։ Ինչ վերաբերում է օդին, ապա ցերեկները՝ ընդունելության ծանրաբեռնված ժամերին, համարյա ամեն օր այդպես է, հազիվ է հնարավոր լինում շնչել։ Իսկ եթե պատկերացնեք նաև, որ թաց սպիտակեղենն էլ է այստեղ շարք֊շարք կախվում (ընդհանրապես դա հնարավոր չէ արգելել վարձակալներին), ապա չեք զարմանա, որ մի թեթև վատ զգացիք։ Ինչ ուզում է լինի, բոլորն էլ շատ լավ համակերպվում են օդին, և եթե երկրորդ անգամ այցելեք, այլևս ոչ մի ծանրություն չեք զգա։ Համեմատաբար լավ չե՞ք զգում Ձեզ։ | ||
+ | |||
+ | Կ֊ն չպատասխանեց, որովհետև նրա համար չափազանց տհաճ էր հանկարծակի թուլության պատճառով այս մարդկանց ձեռքը հանձնված լինելը։ Բացի այդ, քանի որ իմացավ իր թուլության պատճառը, լավ զգալու փոխարեն փոքր֊ինչ ավելի վատացավ։ Աղջիկն իսկույն նկատեց փոփոխությունը, շնչելու թարմ օդ տրամադրելու համար ձեռքն առավ պատին հենած կեռաձողը, Կ֊ի գլխավերևում բացեց տանիքի դռնակը և ձողը ճոճեց դրսում։ Վերևից այնպիսի մրութ թափվեց, որ աղջիկն ստիպված էր շտապ ներքև քաշել դռնակը, և որովհետև իր մասին մտածելու համար Կ֊ն շատ էր հոգնած, թաշկինակով սրբեց նրա ձեռքերի մրուրը։ Կ֊ն հաճույքով նստած կմնար այստեղ, մինչև որ քայլելու համար բավական ուժ զգար իր մեջ, և հետո, որքան քիչ շուրջը պտտվեին, այնքան ավելի շուտ իրեն լավ կզգար։ Բայց ի լրումն այժմյան հոգատարության, աղջիկն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դուք չեք կարող մնալ այստեղ։ Մենք խանգարում ենք անցուդարձին։― Կ֊ի հայացքը հարցնում էր, թե այստեղ ի՞նչ անցուդարձի են խանգարում իրենք։― Եթե ուզում եք, ես Ձեզ հիվանդասենյակ կտանեմ։ Օգնեք ինձ, խնդրում եմ,― դիմեց նա դռան մեջ կանգնած տղամարդուն․ վերջինս իսկույն մոտ եկավ։ Սակայն Կ֊ն հիվանդասենյակ գնալ չէր ուզում, նա ձգտում էր հենց ավելի խորքը տարվելուց խուսափել։ Ինչքան առաջ գնար, վիճակն, երևի, այնքան ավելի վատանար։ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն կարող եմ գնալ,― ասաց նա և դողացնելով (հարմար նստելուն սովորել էր) ոտքի կանգնեց, բայց չկարողացավ պահել իրեն։ | ||
+ | |||
+ | ― Դեռ այն չէ։― Գլուխն օրորելով ասաց նա և նորից սահեց բազկաթոռի մեջ։ Նա հիշեց կատարածուին․ չնայած ամեն ինչին, կատարածուն հանգիստ կկարողանար դուրս տանել իրեն, բայց, ինչպես երևում էր, նա արդեն վաղուց հեռացել էր։ Կ֊ն նայեց դիմացը կանգնած տղամարդու և աղջկա արանքից, սակայն չկարողացավ գտնել կատարածուին։ | ||
+ | |||
+ | ― Կարծում եմ,― խոսեց տղամարդը (ի դեպ, նա շատ նուրբ ճաշակով էր հագնված, հատկապես աչքի էր զարնում գորշ գույնի ժիլետը, որ ներքևում երկու երկար, սուր ծայրերով էր վերջանում),― կարծում եմ, որ պարոնի վատ զգալու պատճառը այստեղի օդն է, և ավելի լավ կլինի, նաև ճիշտ կլինի նրա համար, որ ոչ թե հիվանդասենյակ տանենք, այլ ընդհանրապես դուրս բերենք գրասենյակների տարածքից։ | ||
+ | |||
+ | ― Ա՛յդ է որ կա,― բացականչեց Կ֊ն և ուրախությունից ընդհատեց տղամարդուն։― Ես ինձ, իհարկե, անմիջապես լավ կզգամ, իրականում այնքան էլ թույլ չեմ, միայն պետք է, որ թևերիս տակ մտած մի փոքր տեղ տանեք։ Ձեզ շատ չեմ չարչարի, ճանապարհն էլ, ինչ խոսք, այնքան երկար չէ։ Թեկուզ մինչև դուռը տարեք։ Այնտեղ մի քիչ կնստեմ աստիճաններին և անմիջապես կհանգստանամ։ Ես նման նոպաներ չունեմ ընդհանրապես, նույնիսկ ինձ համար է սա անակնկալ։ Ախր, ես էլ եմ ծառայող և սովոր եմ գրասենյակի օդին, բայց այստեղ օդը շատ է ծանր։ Ինքներդ ասացիք։ Բարի եղեք, օգնեք մի փոքր։ Գլուխս պտտվում է, և վատ կզգամ, եթե մենակ ոտքի կանգնեմ։― Կ֊ն վեր քաշեց ուսերը, որ հեշտացնի անութներից բռնելը, սակայն տղամարդը չհետևեց խնդրանքին, այլ ձեռքերը շալվարի գրպանները դրած բարձրաձայն ծիծաղեց։ | ||
+ | |||
+ | ― Տեսա՞ք։― Աղջկան դիմեց նա։― Ես ճիշտ դուրս եկա։ Պարոնը միայն այստեղ է վատ զգում և ոչ թե ընդհանրապես։ | ||
+ | |||
+ | Աղջիկը նույնպես ժպտաց, մատների ծայրով թեթևակի խփեց տղամարդու ձեռքին, կարծես վերջինս Կ֊ի հետ շատ սրամիտ կատակ էր արել։ | ||
+ | |||
+ | ― Բայց ի՞նչ եք կարծում։― Շարունակ ծիծաղելով ավելացրեց տղամարդը։― Ես իսկապես ուզում եմ պարոնին դուրս տանել։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում՝ լավ։― Գեղեցիկ գլուխը մի պահ խոնարհելով ասաց աղջիկը։― Այնքան էլ կարևորություն մի տվեք ծիծաղին։― Այժմ արդեն Կ֊ին դիմեց նա։ Կ֊ն տխրել էր նորից ու, երևի բացատրության անհրաժեշտություն չզգալով, աչքերը հառել էր դիմացը։― Այս պարոնը, կարելի է, չէ՞, ներկայացնել Ձեզ։― Պարոնը ձեռքի շարժումով թույլ տվեց։― Ուրեմն, այս պարոնը խորհրդատու է։ Նա այցելուներին անհրաժեշտ տեղեկություներ է տալիս, և, որովհետև մեր դատական համակարգը բնակչության շրջանում այնքան էլ հայտնի չէ, շատ տեղեկություններ են պահանջվում։ Նա բոլոր հարցերին պատասխանում է։ Ցանկության դեպքում կարող եք մի անգամ փորձել։ Սակայն, միայն դա չէ նրա առավելությունը։ Երկորդ առավելությունը նրբաճաշակ զգեստն է։ Մենք, այսինքն՝ պաշտոնյաներս, մի անգամ կարծիք հայտնեցինք, որ նա, որովհետև միշտ առաջինն է շփվում այցելուների հետ, առաջին հաճելի տպավորության համար պետք է լավ հագնվի։ Մյուսներս՝ ինչպես, օրինակ, կարելի է իմ արտաքինից եզրակացնել, ցավոք, շատ վատ և հնաոճ ենք հագնված։ Դրանից բացի, իմաստ էլ չունի զգեստի համար որևէ բան օգտագործելը, որովհետև մենք շարունակ գրասենյակում ենք։ Նույնիսկ գիշերում ենք այստեղ։ Սակայն, ինչպես ասացի, մի անգամ անհրաժեշտ համարեցինք լավ հագցնել նրան, և, որովհետև ղեկավարությունից հնարավոր չէր նման բան ակնկալել (այս հարցում նրանք մի փոքր տարօրինակ են), հանգանակություն կազմակերպեցինք, այցելուներն էլ իրենց ավանդն ունեցան, և այս գեղեցիկ կոստյումն ու էլի մի քանի գեղեցիկ բան գնեցինք։ Թվում է, թե նա կարող է արդեն լավ տպավորություն թողնել, բայց իր ծիծաղով փչացնում է ամեն ինչ և դրանով էլ վախեցնում մարդկանց։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է,― ծաղրանքով ասաց պարոնը։― Սակայն չեմ հասկանում, օրիորդ, ինչո՞ւ եք մեր բոլոր ներգրասենյակային գործերը պարոնին պատմում կամ, ավելի ճիշտ՝ պարտադրում։ Նա բնավ չի ուզում իմանալ դրանք։ Նայեք հապա, ինչպես է բացառապես իր գործերով մտահոգված նստել։ | ||
+ | |||
+ | Կ֊ն առարկելու ցանկություն չուներ։ Աղջկա մտադրությունը պետք էր որ լավը լիներ։ Նրա նպատակը գուցե Կ֊ի մտքերը ցրելն էր կամ նրան կենտրոնանալու հնարավորություն տալը, սակայն ձևը սխալ էր ընտրված։ | ||
+ | |||
+ | ― Ես պետք է բացատրեի Ձեր ծիծաղի պատճառը։ Դա հավանաբար վիրավորական է նրա համար։ | ||
+ | |||
+ | ― Կարծում եմ, նա ստիպված կլինի ավելի ծանր վիրավորանքներ ներել, եթե ես վերջապես դուրս տանեմ նրան։ | ||
+ | |||
+ | Կ֊ն ոչինչ չասաց, ոչ մի անգամ վերև չնայեց, միայն համբերությամբ լսում էր, թե ինչպես էին երկուսը խոսում իր մասին․ ինքը կարծես առարկա լիներ։ Այդ բանը նրան նույնիսկ ավելի էր դուր գալիս։ Սակայն նա միանգամից տղամարդու ձեռքն իր մի թևին զգաց, աղջկա ձեռքը՝ մյուսին։ | ||
+ | |||
+ | ― Դե, ոտքի, թույլ մարդ,― ասաց տղամարդը։ | ||
+ | |||
+ | ― Շատ շնորհակալ եմ ձեզնից։― Հաճելիորեն անակնկալի եկած, ասաց Կ֊ն, դանդաղ բարձրացավ և իր ձեռքով նրանց ձեռքերը դրեց այնտեղ, ուր առավել չափով էր հենարանի կարիք զգում։ | ||
+ | |||
+ | ― Կարելի է կարծել,― երբ միջանցքին էին մոտենում, Կ֊ի ականջին ցածրաձայն ասաց աղջիկը,― թե հատկապես ինձ համար է կարևոր խորհրդատուին լավ լույսի տակ ներկայացնելը։ Ով ինչ ուզում է թող մտածի, ես ճշմարտությունն եմ ասել։ Նա այնքան էլ անսիրտ մարդ չէ։ Տկար այցելուներին դուրս տանելը նրա պարտականությունը չէ, բայց ինչպես տեսնում եք, անում է։ Մեզնից երևի ոչ ոք քարսիրտ չէ։ Մենք ցանկանում ենք բոլորին օգնել, բայց որովհետև դատարանում ենք աշխատում, ավելի շուտ այն տպավորությունն ենք թողնում, թե քարսիրտ ենք և ոչ մեկին չենք ուզում օգնել։ Ես ինձ վատ եմ զգում նման կարծիքներից։ | ||
+ | |||
+ | ― Չէ՞իք ցանկանա մի փոքր նստել այստեղ,― հարցրեց խորհրդատուն։― Նրանք արդեն միջանցքում էին և կանգնել էին հենց այն մեղադրյալի դիմաց, ում հետ Կ֊ն քիչ առաջ էր խոսել։ Կ֊ն համարյա ամաչում էր նրանից․ քիչ առաջ ուղիղ կանգնել էր նրա դիմաց, իսկ հիմա երկու հոգով են նրան պահում, մազերը խառնված էին և կախ էին ընկել քրտնաթոր ճակատին։ Խորհրդառուն չռած մատների վրա հավասարակշռում էր նրա գլխարկը։ Թվում էր, թե մեղադրյալը ոչինչ չի նկատում։ Նա հնազանդ կանգնել էր խորհրդառուի դիմաց (վերջինս հարևանցիորեն նրան էր նայում) և փորձում էր իր ներկայությունը ներելի դարձնել։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ,― ասաց նա,― որ իմ միջնորդագրերի վավերացումը այսօր դեռ չի կարող տրվել, բայց ես, այնուամենայնիվ եկա, մտածելով, թե կարող եմ այստեղ սպասել։ Կիրակի է, ես ժամանակ ունեմ, այստեղ էլ ոչ մեկին չեմ խանգարի։ | ||
+ | |||
+ | ― Դուք չպետք է այդքան ներողամիտ լինեք,― ասաց խորհրդատուն։― Ձեր հոգածո վերաբերմունքը գովեստի է արժանի։ Դուք այստեղ իզուր տեղ եք գրավում, բայցևայնպես, չեմ ուզում խանգարել, որ հետևեք Ձեր գործի ընթացին այնքան ժամանակ, մինչև որ դա ինձ չձանձրացնի։ Եթե խայտառակ ձևով իրենց պարտականություններն անտեսող մարդիկ են պատահում, Ձեզ նման մարդկանց օրինակով ենք սովորում համբերություն ունենալ։ Նստեք։ | ||
+ | |||
+ | ― Տեսնում եք, ինչպես է նա կարողանում խոսել այցելուների հետ,― շշնջաց աղջիկը։ Կ֊ն գլխով արեց, սակայն իսկունևեթ վեր ցատկեց, երբ խորհրդատուն նորրից հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Չէի՞ք ցանկանա նստել այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Չեմ ուզում հանգստանալ։― Կ֊ն հնարավորին չափ կտրուկ մերժեց առաջարկը, մինչդեռ իրականում շատ լավ կզգար, եթե նստեր։ Նա ծովային հիվանդություն ունեցողի պես էր․ թվում էր, թե դժվարին նավարկություն կատարող նավի վրա է, թե ջուրը խփում է փայտե պատերին և, ինչպես տախտակամածի վրա փլվող ալիքից, միջանցքի խորքից աղմուկ֊շառաչ է լսվում, միջանցքը ճոճվում է լայնքով մեկ, իսկ նստած այցելուները երկու կողմից սուզվում֊ելնում են։ Ավելի անհասկանալի էր տղամարդու և աղջկա հանգիստ պահվածքը։ Ինքը նրանց ձեռքերում էր և, եթե բաց թողնեին, տախտակի նման կընկներ։ Նրանց փոքր աչքերը սուր հայացքներ էին նետում այսուայնկողմ, Կ֊ն, առանց համընթաց գնալու, զգում էր նրանց փոքր քայլերը, որովհետև ամեն հաջորդ քայլին նրանք համարյա թե տանում էին իրեն։ Վերջապես նա նկատեց, որ իր հետ են խոսում, բայց, միևնույն է, խոսքերը չէր հասկանում․ սոսկ աղմուկ էր լսվում, աղմուկ, որ լցրել էր ամեն ինչ և որի միջոցով շչակի նմանվող միօրինակ, բարձր ձայն էր լսվում։ | ||
+ | |||
+ | ― Ավելի բարձր։― Գլուխը կախ գցած, շշնջաց նա և ամաչեց, որովհետև գիտեր, որ ուղեկիցները, եթե անգամ իր համար անհասկանալի, ապա միևնույն է, բավական բարձր էին խոսում։ | ||
+ | |||
+ | Վերջապես թարմ օդի հոսանք խփեց նրա դեմքին, թվաց, թե դիմացը բարձրացած պատը փլվեց։ | ||
+ | |||
+ | ― Նախ գնալ էր ուզում,― լսեց նա,― հետո, թեկուզ հարյուր անգամ էլ ասես, թե ելքը այստեղ է գտնվում, տեղից չի շարժվում։ | ||
+ | |||
+ | Կ֊ն նկատեց, որ կանգնած է դուրս տանող դռան դիմաց, իսկ աղջիկը բաց է պահել այն։ Նրան թվաց, թե ազատությունը կանխաճաշակելու համար միանգամից վերագտավ բոլոր ուժերը, իսկույն կանգնեց աստիճանի վրա և այնտեղից հրաժեշտ տվեց իր կողմը կռացած տղամարդուն ու աղջկան։ | ||
+ | |||
+ | ― Շատ շնորհակալություն,― կրկնեց նա, մի անգամ ևս սեղմեց երկուսի ձեռքերը և միայն այն ժամանակ թողեց, երբ նկատեց, որ գրասենյակի օդին սովոր խորհրդատուն ու աղջիկը աստիճանների վրայից ներս խփող համեմատաբար թարմ օդին դժվարությամբ են դիմանում։ Նրանք հազիվ կարողացան պատասխանել․ աղջիկը երևի ներքև գլորվեր, եթե Կ֊ն արագ շարժումով չփակեր դուռը։ Հետո նա մի փոքր կանգնեց լուռ, գրպանի հայելու մեջ ուղղեց մազերը, վերցրեց հաջորդ հարթակին ընկած գլխարկը, որ երևի խորհրդատուն էր նետել, և այնպես թարմացած, երկար ցատկերով վազեց աստիճաններով ներքև, որ համարյա թե վախ զգաց այդ փոփոխությունից։ Նրա բավական կարգավորված առողջական վիճակը նախկինում նման անակնկալներ թույլ չէր տվել։ Քիչ առաջվա տկարությանը համեմատաբար առանց դժվարության դիմանալուց հետո մարմինը գուցե ապստամբել և նոր անակնկալ պատրաստել էր ուզում։ Նա չհրաժարվեց առաջին իսկ հնարավորության դեպքում բժշկի մոտ գնալու մտքից․ այդ հարցը կարող էր ինքնուրույն լուծել։ Այնուամենայնիվ, նա մտադիր էր հաջորդ կիրակի օրերը ավելի լավ անցկացնել, քան այս անգամ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Ֆրոյլայն Բյուրստների ընկերուհին== | ||
+ | |||
+ | Հետագա օրերին Կ֊ն ոչ մի կերպ չէր կարողանում թեկուզ մի քանի խոսք փոխանակել ֆրոյլայն Բյուրստների հետ։ Նա ամեն կերպ ցանկանում էր մոտենալ, սակայն ֆրոյլայն Բյուրստները անընդհատ կարողանում էր խափանել նրա ծրագրերը։ Կ֊ն գրասենակից անմիջապես գալիս էր տուն, առանց լույսը վառելու նստում էր սենյակում՝ բազմոցի, և նախասենյակը զննելուց բացի, ուրիշ ոչինչ չէր անում։ Եթե աղախինը սենյակի կողքով անցնելիս փակում էր դատարկ թվացող սենյակի դուռը, ապա քիչ անց նա վեր էր կենում ու նորից բացում։ Առավոտները սովորականից մի քանի ժամ շուտ էր արթնանում այն հույսով, որ կկարողանա առանձին հանդիպել ֆրոյլայն Բյուրստներին, երբ նա աշխատանքի գնալիս լինի, բայց բոլոր փորձերը ապարդյուն էին։ Հետո նա նամակ գրեց գրասենյակի ու բնակարանի հասեցներով, փորձեց արդարացնել իր արարքը, համաձայնեց ամեն մի հատուցման, խոստացավ երբեք չանցնել ֆրոյլայնին վայելուչ թվացող սահմանները և խնդրեց սոսկ խոսելու հնարավրություն տալ, որովհետև մինչև ֆրոյլայնի հետ չխորհրդակցեր, ոչինչ չէր կարողանա ձեռնարկել ֆրաու Գրուբախի հարցով։ Վերջում տեղեկացրեց, որ հաջորդ կիրակի, ամբողջ օրը իր սենյակում նստած, պատասխանի կսպասի, որ իր խնդրանքի իրականացումը որոշ հույս կտա կամ գոնե կբացատրի, թե ինչո՞ւ ֆրոյլայնը՝ թեև ինքը խոստանում է բոլոր հարցերում նրան ենթարկվել, չի կարող այդ խնդրանքը կատարել։ | ||
+ | |||
+ | Նամակները չվերադարձվեցին, բայց պատասխանները նույնպես բացակայում էին։ Դրա փոխարեն կիրակի օրը մի դեպք տեղի ունեցավ, որ բավական պարզություն մտցրեց այդ պատմության մեջ։ | ||
+ | |||
+ | Դեռ վաղ առավոտյան բանալու անցքից նայելով, Կ֊ն աշխուժություն նկատեց նախասենյակում։ Շուտով ամեն ինչ պարզվեց․ ֆրանսերենի մի ուսուցչուհի (ի դեպ, նա գերմանուհի էր, ազգանունը՝ Մոնթագ․ թուլակազմ, գունատ, թեթևակի կաղացող աղջիկ էր), որ մինչև կիրակի օրը առանջին սենյակում էր ապրում, տեղափոխվում էր ֆրոյլայն Բյուրստների մոտ։ Նրան ժամերով կարելի էր տեսնել միջանցքում քստքստացնելով քայլելիս։ Մի սպիտակեղեն, ծածկոց կամ որևէ գիրք մոռացվում էր շարունակ, և հարկ էր լինում հատուկ դրա համար գնալ ու նոր բնակարան տեղափոխել։ Երբ ֆրաու Գրուբախը նախաճաշ բերեց Կ֊ին (նրան այդպես զայրացնելուց հետո ֆրաու Գրուբախը աղախնին չէր թողնում ոչինչ անել և անձամբ էր սպասարկում), Կ֊ն չկարողացավ զսպել իրեն և հինգ օրվա ընթացքում առաջին անգամ խոսեց։ | ||
+ | |||
+ | ― Այս ի՞նչ աղմուկ է նախասենյակում։― Սուրճը լցնելով, հարցրեց նա։― Հնարավոր չէ՞ դադարեցնել։ Ի՞նչ է, պետք է հենց կիրակի օրո՞վ կարգի բերեն պանսիոնատը։― Կ֊ն թեև վեր չնայեց, բայց նկատեց, որ ֆրաու Գրուբախը կարծես թեթևացած շունչ քաշեց։ Կ֊ի նույնիսկ խիստ տոնով տրված հարցերը նա կամ ներում համարեց, կամ ներման սկիզբ։ | ||
+ | |||
+ | ― Պանսիոնատը չեն կարգի բերում, պարոն Կ․,― պատասխանեց նա։― Ֆրոյլայն Մոնթագը տեղափոխվել է ֆրոյլայն Բյուրստների մոտ և իրերն է բերում։― Ֆրաու Գրուբախը այլևս չխոսեց։ Նա սպասում էր, թե ինչպես կընդունի Կ֊ն այս նորությունը, և արդյոք թույլ կտա՞ խոսքը շարունակել, սակայն Կ֊ն նրան էր ստուգում, գդալով մտածկոտ խառնում էր սուրճը և լռում։ | ||
+ | |||
+ | ― Ֆրոյլայն Բյուրստների վերաբերյալ ունեցած Ձեր նախկին կասկածը փարատվե՞լ է։― Ֆրաու Գրուբախի կողմը նայելով հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Պարոն Կ․։― Բղավեց հենց այդ հարցին սպասող ֆրաու Գրուբախը և Կ֊ին պարզեց կնճռոտած ձեռքերը։― Մի քանի օր առաջ պատահաբար ասված նկատողությունն այնքան լուրջ եք ընդունել։ Ես, ախր, ամենահեռավոր ցանկությունն իսկ չեմ ունեցել Ձեզ կամ մեկ ուրիշին վիրավորել։ Ախր Դուք բավական ժամանակ ճանաչել եք ինձ, պարոն Կ․, որ կարողանայիք համոզված լինել դրանում։ Չեք պատկերացնում, թե ինչքան եմ տանջվել։ Ես զրպարտեցի իմ կենվորներին, իսկ Դուք, պարոն Կ․, հավատացիք ու հայտարարեցիք, թե կարող եմ լուծարքի ենթարկել Ձեր սենյակը։ Ձեր սենյակը լուծարքի ենթարկեմ։― Վերջին բացականչությունը արցունքների մեջ խեղդվեց։ Ֆրաու Գրուբախը գոգնոցը հպեց դեմքին ու բարձրաձայն փղձկաց։ | ||
+ | |||
+ | ― Մի լացեք, ֆրաու Գրուբախ։― Կ֊ն պատուհանից դուրս էր նայում և մտածում միայն ֆրոյլայն Բյուրստների ու այն մասին, որ նա օտար աղջիկ էր վերցրել իր սենյակը։― Լաց մի եղեք։― Մի անգամ ևս կրկնեց նա, երբ շուռ եկավ ու տեսավ, որ ֆրաու Գրուբախը լալիս է շարունակ։― Այն ժամանակ ես այնքան էլ վատ մտքով չասացի։ Մենք պարզապես սխալ հասկացանք իրար։ Ին ընկերների հետ անգամ կարող է նման բան պատահել։ | ||
+ | |||
+ | Ֆրաու Գրուբախը աչքերից իջեցրեց գոգնոցը, որ համոզվի, թե Կ-ն իսկապե՞ս հաշտվել է։ | ||
+ | |||
+ | ― Իրոք այդպես է,― ասաց Կ֊ն և, ֆրաու Գրուբախի վերաբերմունքից համոզվելով, որ կապիտանը ոչինչ չի հայտնել, համարձակվեց շարունակել։― Դուք, ինչ է, իսկապե՞ս կարծում էիք, թե ես մի անծանոթ աղջկա պատճառով կարող եմ Ձեզ հետ թշնամանալ։ | ||
+ | |||
+ | ― Այդ է որ կա, պարոն Կ․։― Ասաց ֆրաու Գրուբախը։ Նրա դժբախտությունն այն էր, որ հենց փոքր֊ինչ ավելի ազատ էր զգում իրեն, անմիջապես մի անհաջող բան էր ասում։― Ես ինձ շարունակ հարց եմ տալիս․ ինչո՞ւ է պարոն Կ֊ն այդքան սրտամոտ ընդունում ֆրայլայն Բյուրստների մասին ասված խոսքերը։ Ինչո՞ւ է նրա պատճառով վիճում ինձ հետ, երբ գիտե, որ իրենից լսած ամեն մի ծանր բառը փախցնում է իմ քունը։ Ես, ախր, առանձնապես ոչինչ չասացի ֆրոյլայն Բյուրստների մասին, միայն իմ սեփական աչքերով տեսածն եմ ասել։ | ||
+ | |||
+ | Կ֊ն ոչինչ չպատասխանեց։ Երևի հենց առաջին իսկ բառերից պետք է դուրս շպրտած լիներ այս կնոջը, սակայն չէր ուզում։ Բավարարվեց միայն սուրճը խմելով և ֆրաու Գրուբախի ներկայության ավելորդությունն զգացնել տալով։ Նախասենյակում նորից լսվեց շարունակ այսուայնկողմ շարժվող ֆրոյլայն Մոնթագի ոտքերի քստքստոցը։ | ||
+ | |||
+ | ― Լսո՞ւմ եք,― հարցրեց Կ֊ն և ցույց տվեց դուռը։ | ||
+ | |||
+ | ― Այո,― հառաչեց ֆրաու Գրուբախը։― Ես ցանկացա օգնել, աղախնին ևս պատվիրեցի, սակայն ֆրոյլայն Մոնթագը կամակոր է, ամեն ինչ ուզում է անձամբ տեղափոխել։ Զարմանում եմ ֆրոյլայն Բյուրստների վրա։ Երբեմն պատկերացնում եմ, որ ֆրոյլայն Մոնթագին եմ տրամադրել սենյակը, և նեղվում եմ, մինչդեռ ֆրոյլայն Բյուրստները նրան իր սենյակն է վերցնում։ | ||
+ | |||
+ | ― Դա բնավ չպետք է մտահոգի Ձեզ։― Կ֊ն գավաթի մեջ շաքարի մնացորդներն էր փշրում։― Կարո՞ղ է վնաս եք կրում դրանից։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, թող բարով գա։ Այդպես իմ մի սենյակն ազատ կմնա, և ես կկարողանամ իմ ազգականին՝ կապիտանին տեղավորել։ Երկար ժամանակ անհանգստանում էի, թե այս մի քանի օրը, երբ նա Ձեր սենյակի հարևանությամբ էր, կարող է հանկարծ խանգարեր Ձեզ։ Նա այնքան էլ չի՞ անհանգստացնում։ | ||
+ | |||
+ | ― Ինչ եք ասում։― Կ֊ն ոտքի ելավ։― Այդ մասին չի կարող խոսք իսկ լինել։ Երևում է Դուք գերզգայուն մարդու տեղ եք դնում ինձ, որովհետև այս պահին չեմ կարողանում դիմանալ ֆրոյլայն Մոնթագի պտույտներին։ Այ, հիմա նա կրկին հետ է գնում։ | ||
+ | |||
+ | ― Պարոն Կ․, ասե՞մ նրան, որ իրերի մի մասի տեղափոխումը հետաձգի։― Ֆրաու Գրուբախը խեղճացած տեսք ընդունեց։― Եթե ուզում եք անմիջապես ասեմ։ | ||
+ | |||
+ | ― Բայց նա պետք է տեղափոխվի՞ ֆրոյլայն Բյուրսնտերի սենյակը։ | ||
+ | |||
+ | ― Այո։― Ֆրաու Գրուբախը չէր հասկանում Կ֊ի ուզածը։ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞ւմ եք։ Ուրեմն պետք է նաև իրերը տեղափոխի։― Ֆրաու Գրուբախը միայն գլխով արեց։ Այդ լուռ անօգնականությունը, որ արտաքուստ կամակորությունից բացի ոչինչ չէր նշանակում, ավելի գրգռեց Կ֊ին։ Նա սկսեց ետուառաջ քայլել սենյակում և, պատուհանից դուռը գնալ֊գալով, ֆրաու Գրուբախին զրկեց հեռանալու հնարավորությունից, ֆրաու Գրուբախը հավանաբար կուզենար հեռանալ։ | ||
+ | |||
+ | Կ֊ն նորից դռան մոտ էր հասել, երբ դուռը թակեցին։ Աղախինն էր, հայտնեց, որ ֆրոյալայն Մոնթագը հաճույքով կցանկանար մի քանի բառ փոխանակել պարոն Կ֊ի հետ, ուստի խնդրում է նրան ճաշասենյակ գալ, ուր ինքը սպասում է արդեն։ Կ֊ն մտախոհ ականջ դրեց աղախնի խոսքերին, ապա համարյա ծաղրական հայացքով շուռ եկավ սարսափած ֆրաու Գրուբախի կողմը։ Այդ հայացքով նա կարծես ասում էր, թե ինքը վաղուց կանխատեսել է ֆրոյլայն Մոնթագի հրավերը, և որ այն լիովին համապատասխանում է կիրակնօրյա այս առավոտ ֆրաու Գրուբախի կենվորների՝ իրեն պատճառած տանջանքներին։ Նա աղախնին ետ ուղարկեց, պատասխանելով, որ իսկույն գալիս է, իսկ ինքը շորերը փոխելու մտադրությամբ մոտեցավ սնդուկին, և, ֆրաու Գրուբախի՝ ձանձրացնող ֆրոյլայն Մոնթագի հասցեին հանգած հոգոցներին ի պատասխան, խնդրեց միայն, որ նա հավաքի նախաճաշի սպասքը։ | ||
+ | |||
+ | ― Ախր Դուք ոչինչ չկերաք։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ, մարդ աստծո, տարեք սպասքը, խնդրեմ,― բացականչեց Կ֊ն։ Նրան թվում էր, թե ամեն ինչում ֆրոյլայն Մոնթագի մատն է խառը և ամեն ինչ զզվելի է դարձնում։ | ||
+ | |||
+ | Երբ Կ֊ն նախասենյակ դուրս եկավ, նայեց ֆրոյլայն Բյուրստների սենյակի փակ դռան կողմը։ Սակայն նրան այնտեղ չէին հրավիրել, այլ ճաշասենյակ, ուր և նա, առանց թակելու, մտավ։ | ||
+ | |||
+ | Երկար, նեղ ճաշասենյակը մի պատուհան ուներ։ Այնտեղ այնքան տարածություն կար, որ դռան երկու կողքին՝ անկյուններում, մեկական նեղլիկ պահարան էր թեք դրված միայն, մնացած մասը զբաղեցրել էր դռան մոտից սկսվող և մինչև պատուհան հասնող երկար սեղանը, որ համարյա անհնար էր դարձնում պատուհանին մոտենալը։ Սեղանը պատրաստ էր արդեն, և որովհետև կիրակի օրը գրեթե բոլոր կենվորները այստեղ էին ճաշում, շատ մարդկանց էին նկատի ունեցել։ Երբ Կ֊ն ներս մտավ, ֆրոյլայն Մոնթագը պատուհանի մոտից՝ սեղանի մյուս կողմով, ընդառաջ եկավ։ Նրանք լուռ ողջունեցին միմյանց։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, արդյոք Դուք ճանաչում եք ինձ։― Գլուխը շարունակ անսովոր կերպով ուղիղ պահած, խոսեց ֆրոյլայն Մոնթագը։ Կ֊ն կկոցեց աչքերը։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե,― ասաց նա։― Դուք, ախր, երկար ժամանակ է ֆրաու Գրուբախի մոտ եք բնակվում։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես կարծում էի, թե Դուք այնքան էլ շատ չեք զբաղվում պանսիոնատի հոգսերով։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Չէի՞ք ցանկանա նստել։― Նրանք առանց խոսելու երկու աթոռ քաշեցին սեղանի ծայրում ու նստեցին դեմդիմաց։ Ֆրոյլայն Մոնթագը, սակայն, իսկույն վեր կացավ, գնաց պատուհանագոգին մոռացած պայուսակը բերելու և քստքստացնելով անցավ սենյակով մեկ։ | ||
+ | |||
+ | ― Ես կուզեի իմ ընկերուհու հանձնարարությամբ միայն ի քանի բան խոսել Ձեզ հետ։― Լուսամուտի մոտից հետ դառնալու ժամանակ պայուսակը թեթևակի ճոճելով ասաց նա։― Նա ինքն էր ցանկանում գալ, բայց այսօր այնքան էլ լավ չէր զգում իրեն։ Խնդրում եմ, ներեք նրան և փոխարենը ինձ լսեք։ Դժվար թե իմ ասելիք խոսքերից բացի, նա ուրիշ բան ուզենար հայտնել Ձեզ։ Ընդհակառակը, ինձ թվում է, թե ես կարող եմ ավելի շատ բան ասել, որովհետև համեմատաբար չեզոք մարդ եմ։ Այդպես չե՞ք կարծում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ կա ասելու։― Կ֊ն արդեն հոգնել էր ֆրոյլայն Մոնթագի աչքերը շարունակ իր շուրթերին հառած տեսնելուց։ Դրանով իսկ ֆրոյլայն Մոնթագն արդեն իսկ իշխում էր նրա արտասանելիք բառերին։― Առանց այդ էլ երևում է, որ ֆրոյլայն Բյուրստները չի համաձայնել ինձ հետ անձամբ խոսելու խնդրանքին։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է կամ, ավելի ճիշտ, այդպես չէ բնավ։ Դուք շատ ավելի խիստ եք արտահայտվում, իսկ ընդհանրապես, անձամբ հանդիպելը ոչ հավանության է արժանացել, ոչ էլ մերժվել է։ Ձեր դիտողությունից հետո այժմ արդեն կարող եմ պարզ խոսել։ Դուք գրավոր թե բանավոր խնդրել էիք հանդիպել ընկերուհուս հետ, խոսել։ Ես ենթադրում եմ, որ իմ ընկերուհին առնվազն գիտե, թե ինչի մասին է լինելու խոսքը, այդ իսկ պատճառով (ես այդ պատճառները չեմ հասկանում) համոզված է, որ եթե հանդիպումը կայանա անգամ, ոչ ոքի օգուտ չի տա։ Ընդհանրապես նա միայն երեկ, և այն էլ մակերեսորեն, պատմեց կատարվածի մասին, ասաց, որ Ձեզ համար նույնպես զրույցը չի կարող կարևոր լինել, որովհետև պատահաբար եք նման մտքի հանգել, և ինքներդ էլ առանց որևէ բացատրության, եթե ոչ այժմ, ապա շատ շուտով, կհասկանաք այդ ամենի անիմաստությունը։ Ես ասացի, որ նա ճիշտ է, և որ ընդհանարպես պարզություն մտցնելու համար ձեռնտու եմ համարում որոշակի պատասխան տալը։ Այդ կապակցությամբ ես առաջարկեցի իմ թեկնածությունը։ Որոշ ժամանակ տատանվելուց հետո ընկերուհիս զիջեց։ Հուսով եմ, Ձեզ նույնպես դուր կգա իմ քայլը, քանզի ոչ այնքան կարևոր գործում ամենափոքր անճշտությունն անգամ տանջալի է միշտ, և եթե կարելի է Ձեր կասկածները հեշտուհանիգստ փարատել, ինչպես այս դեպքում, ապա ավելի լավ է, որ դա կատարվի հնարավորին չափ շուտ։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալություն,― անմիջապես վրա բերեց Կ֊ն, դանդաղ վեր կացավ, նայեց ֆրոյլայն Մոնթագին, հայացքը սեղանի վրայով սահեցրեց պատուհանից դուրս (հանդիպակաց շենքը արևի լույսով էր ողողված) և քայլեց դեպի դուռը։ Ֆրոյլայն Մոնթագը կարծես լրիվ չէր վստահում նրան․ մի քանի քայլ գնաց նրա հետևից։ Սակայն դռան մոտ երկուսն էլ պետք է ետ քաշվեցին, որովհետև այն բացեց, և ներս մտավ կապիտան Լանցը։ Կ֊ն առաջին անգամն էր տեսնում նրան այդքան մոտիկից․ կապիտանը արևահարված, մսոտ դեմքով, մոտ քառասնամյա խոշոր տղամարդ էր։ Պարոն Լանցը թեթևակի խոնարհվելով ողջունեց (ողջույնը Կ֊ին էլ էր վերաբերում), հետո մոտեցավ ֆրոյլայն Մոնթագին և մեծարանքով համբուրեց նրա ձեռքը։ Կապիտանի շարժուձևերը շատ հմուտ էին։ Նրա ֆրոյլայն Մոնթագի հանդեպ ցուցաբերած քաղաքավարությունը ընդգծված ձևով տարբերվում էր Կ֊ի վարվելակերպից։ Չնայած դրան, չէր երևում, թե ֆրոյլայն Մոնթագը վատ է տրամադրված Կ֊ի հանդեպ, որովհետև, ինչպես թվաց, նա նույնիսկ ցանկացավ Կ֊ին ներկայացնել կապիտանին, սակայն Կ֊ն չէր ցանկանում ծանոթացած լինել։ Նա ի վիճակի չէր լինի բարեկամաբար տրամադրվել ոչ կապիտանի, ոչ էլ ֆրոյլայն Մոնթագի հանդեպ, իսկ ձեռքը համբուրելը, թվաց թե նրանց միավորեց այն խմբում, որ, թվացյալ անշահախնդրության ու անկողմնակալ լինելու քողի տակ, ֆրոյլալյն Բյուրստներին ետ էր պահում իրենից։ Կ֊ին թվաց, թե ոչ միայն նկատեց դա, այլև հասկացավ, որ ֆրոյլայն Մոնթագը լավ, համենայնդեպս երկսայրի միջոց է ընտրել։ Նա չափազանցում էր Կ֊ի և ֆրոյլայն Բյուրստների միջև եղած հարաբերության նշանակությունը, ամենից առաջ նա չափազանցնում էր հանդիպել֊խոսելու նշանակությունը, և, միաժամանակ, փորձում էր այնպես շուռ տալ, թե Կ֊ն է, որ չափազանցում է ամեն ինչ։ Նա սխալվում էր։ Կ֊ն ոչինչ չէր չափազանցում, որովհետև լավ գիտեր, որ ֆրոյլայն Բյուրստները ընդամենը մի աննշան մեքենագրուհի է և երկար չէր դիմադրի իրեն։ Միաժամանակ, նա դիտավորյալ հաշվի չէր առնում ֆրոյլայն Բյուրստների մասին ֆրաու Գրուբախի պատմածները։ Նա այդ էր մտածում, երբ, ողջույնին հազիվ պատասխանելով, դուրս ելավ սենյակից։ Նա ցանկացավ անմիջապես իր սենյակը գնալ, սակայն թիկունքում՝ ճաշասենյակից լսվող ֆրոյլայն Մոնթագի ծիծաղի ձայնը հանգեցրեց այն մտքին, որինքը թերևս երկուսին էլ՝ կապիտանին ու ֆրոյլայն Մոնթագին, կարող է անակնկալ մատուցել։ Նա շուրջը նայեց և ականջ դրեց․ արդյոք մոտակա սենյակներում գտնվող որևէ մեկը կարո՞ղ էր խանգարել իրեն։ Շուրջը լուռ էր, ճաշասենյակից լսվում էր զրուցողների ձայնը, իսկ խոհանոց տանող միջանցքում խոսում էր ֆրաու Գրուբախը։ Առիթը պատեհ էր թվում։ Կ֊ն մոտեցավ ֆրոյլայն Բյուրստների սենյակին և թույլ բախեց։ Ոչ մի ձայն չլսվեց, Կ֊ն նորից բախեց, բայց նորից պատասխան չկար։ Ֆրոյլայն Բյուրստները քնա՞ծ էր արդյոք, իրո՞ք իրեն լավ չէր զգում, թե՞ որովհետև պատկերացնում էր, թե միայն Կ֊ն էր կարող կամաց բախել դուռը, զլանում էր ձայն հանել։ Կ֊ն ենթադրեց, թե ֆրոյլայնը զլանում է, և ավելի ուժեղ բախեց։ Թակելը ոչ մի արդյունք չտվեց, և նա զգուշորեն բացեց դուռը։ Միաժամանակ նա ավելորդ ու անարդարացի բան արած լինելու զգացում ուներ։ Սենյակում ոչ ոք չկար։ Ի դեպ, այն այլևս նման չէր նախկինում Կ֊ի տեսած սենյակին․ այժմ պատի մոտ երկու մահճակալ էր դրված, դռան մոտի երեք բազկաթոռները զգեստներով ու սպիտակեղենով էին ծանրաբեռնված, պահարաններից մեկի դռները բաց էին։ Ֆրոյլայն Բյուրստները հեռացել էր, հավանաբար, երբ ֆրոյլայն Մոնթագը ճաշասենյակում Կ֊ին էր համոզում։ Դա Կ֊ին շատ չշփոթեցրեց․ նա ևս չէր սպասում, թե կարող է ֆրոյլայն Բյուրստներին այդպես հեշտ տեսնել, և նրա այս քայլը միայն կապված էր ֆրոյլայն Մոնթագին հակառակվելու ցանկության հետ։ Սակայն Կ֊ի համար առավել տհաճ էր, երբ ֆրոյլայն Բյուրստների սենյակի դուռը փակելու ժամանակ տեսավ ճաշասենյակի դռան մեջ կանգնած զրուցող ֆրոյլայն Մոնթագին ու կապիտանին։ Նրանք գուցե կանգնած էին եղել այդպես, երբ Կ֊ն բացել էր դուռը, և ցույց չէին տվել, թե հետևում են Կ֊ին․ ցածրաձայն զրուցում էին և այնպես անտարբեր էին հետևում Կ֊ի շարժումներին, ինչպես սովորաբար զրուցելու ժամանակ են մարդիկ իրենց շուրջը դիտում։ Կ֊ն, սակայն, զգաց նրանց հայացքների ծանրությունը և պատի երկայնքով շտապեց անցնել իր սենյակը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գանահարողը== | ||
+ | |||
+ | Մի քանի օր անց, երեկոյան, երբ Կ֊ն անցնում էր գլխավոր աստիճանները իր գրասենյակից բաժանող միջանցքով (այս անգամ նա համարյա վերջինն էր տուն գնում, միայն առաքման գրասենյակումծառայողներից երկուսը դեռ աշխատում էին փոքր լամպի լույսի տակ), դռներից մեկի հետևում հառաչանքներ լսեց։ Նա թեև անձամբ չէր նայել, բայց միշտ ենթադրել էր, թե այնտեղ խորդանոցն է։ Նա զարմացած կանգ առավ և պարզելու համար՝ արյդո՞ք ինքը չի շփոթել, մի անգամ էլ ականջ դրեց․ որոշ ժամանակ լուռ էր, սակայն հետո, իսկապես հառաչանքներ լսվեցին։ Կ֊ն սկզբում ցանկացավ ծառաներից մեկին կանչել, որովհետև հետո կարող է վկայի անհրաժեշտությւոն լիներ, սակայն հաջորդ պահին այնպիսի անզուսպ հետաքրքրասիրությամբ համակվեց, որ անմիջապես բացեց դուռը։ Սենյակն, իրոք, խորդանոց էր։ Օգտագործման համար անպետք, հին տառանիշերը, թանաքի դատարկ, բերանքսիվայր շուռ տված կավե շշերը ընկած էին շեմի ետևում։ Երեք հոգի կռացած կանգնել էին խորդանոցի ցածրիկ սրահում, դարակներից մեկին ամրացված մոմը լուսավորում էր նրանց։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք անում այստեղ։― Հուզմունքից աճապարելով, սակայն ցածրաձայն հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | Դռանն ավելի մոտ կանգնած տղամարդը (նա, ինչպես երևում էր, իշխում էր մյուս երկուսին) հագել էր անորոշ մուգ գույնի կաշվե զգեստ, որ թևերը և պարանոցը մինչև կուրծքը մերկ էր թողնում։ Նա ոչինչ չպատասխանեց, մինչդեռ մոյուս երկուսը բղավեցին․ | ||
+ | |||
+ | ― Պարո՛ն, դու մեզնից գանգատվել ես քննիչի և այդ պատճառով մեզ պետք է ծեծեն։ | ||
+ | |||
+ | Միայն այդ ժամանակ Կ֊ն նկատեց, որ կանգնածները պահակներն էին՝ Ֆրանցն ու Վիլլեմը, իսկ երրորդ մարդու ձեռքում, որ ուզում էր նրանց ծեծել, մտրակ կար։ | ||
+ | |||
+ | ― Ախր ես չեմ գանգատվել,― հայացքը պահակներին հառելով ասաց Կ֊ն,― այլ միայն պատմել եմ սենյակումս տեղի ունեցածի մասին։ Իսկ դուք, ինչպես գիտեք, անբասիր չէիք պահում ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Պարո՛ն,― ասաց Վիլլեմը, մինչդեռ նրա թիկունքում կանգնած Ֆրանցը ակնհայտորեն փորձում էր պաշտպանվել երրորդ մարդուց։― Եթե գիտենայիք, թե ինչքան վատ ենք վարձատրվում, ավելի լավ կարծիքի կլինեիք մեր մասին։ Ես ընտանիք պետք է կերակրեմ, Ֆրանցն ամուսնանալ է ուզում, մարդիկ հնարավոր բոլոր միջոցներով փորձում են հարստանալ, միայն թե ազնիվ աշխատանքով դա չի հաջողվում, թեկուզ եթե կաշվիցդ դուրս գաս։ Ձեր նուրբ սպիտակեղենը գայթակղեց ինձ։ Ճիշտ որ անիրավացի է, պահակներին արգելվում է այդպես վարվել, սակայն կարգն այդպես է, սպիտակեղենը պահակներին է պատկանում, և, հավատացեք ինձ, միշտ այդպես է եղել։ Ինքնին հասկանալի է․ ձերբակալված լինելու դժբախտությունն ունեցած մարդու ինչի՞ն է պետք սպիտակեղենը։ Բայց եթե ձերբակալվածը բարձրաձայն պատմի կատարվածի մասին, ապա պահակները անխուսափելիորեն պատիժ կկրեն։ | ||
+ | |||
+ | ― Այն, ինչ հիմա եք ասում, ես չեմ իմացել և բնավ չեմ պահանջել, որ պատժեն ձեզ։ Ինձ համար կարևորը սկզբունքն էր։ | ||
+ | |||
+ | ― Ֆրանց,― մյուս պահակին դիմեց Վիլլեմը,― չէ՞ի ասում, որ պարոնը չի պահանջել պատժել մեզ։ Լսեցի՞ր, նա նույնիսկ չի իմացել, որ հետո պատժելու են մեզ։ | ||
+ | |||
+ | ― Սրանց խոսքերից մի հուզվիր։― Կ֊ին դիմեց գանահարողը։― Պատիժը նույնքան արդար է, որքան և անխուսափելի։ | ||
+ | |||
+ | ― Մի լսիր նրան,― խոսեց Վիլլեմը և ձայնը կտրեց, որ մտրակի հարված ստացած ձեռքը բերանը տանի,― մեզ պատժում են միայն, որովհետև դու ես բողոքել մեզնից։ Թե չէ ոչինչ չէր պատահի, եթե անգամ մյուսներն էլ իմանային մեր արածը։ Բա էլ ո՞ւր մնաց արդարադատությունը։ Մենք երկուսով՝ հատկապես ես, պահակ աշխատելիս երկար ժամանակ արդարացրել ենք մեզ վրա դրված հույսերը։ Դու ինքդ պետք է խոստովանես, որ, իշխանությունների ցուցումների համաձայն, լավ ենք հսկել քեզ։ Առաջ գնալու լավ հեռնակար ունեինք և շուտով երևի այս մարդու նման, գանահարող դառնայինք։ Սրա բախտը բերել է, ժամանակին ոչ մի բողոք չի ստացվել իր հասցեին։ Բողոքի փաստերը, իսկապես, շատ հազվադեպ են։ Իսկ հիմա, պարոն, ամեն ինչ կորած է, մեր կարիերան վերջացավ։ Այժմ ստիպված կլինենք պահակությունից ավելի ցածր աշխատանքներ կատարել, ու, դեռ մի բան էլ վրադիր, պետք է այս սարսափելի, ցավեցնող պատիժը կրենք։ | ||
+ | |||
+ | ― Մտրակն իրոք ցավեցնո՞ւմ է այդպես։― Կ֊ն ստուգեց դիմացը ճոճվող մտրակը։ | ||
+ | |||
+ | ― Մենք ախր լրիվ մերկանալու ենք։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ։― Կ֊ն ուշադիր նայեց գանահորողին, որ նավաստու նման արևահարված էր, թարմ ու վայրի դիմեք ուներ։― Հնարավոր չէ՞ այս երկուսին խնայել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ,― գանահարողը ժպտալով օրորեց գլուխը և պահակներին հրամայեց․― հանեք շորերդ։ Դու չպետք է սրանց ամեն մի խոսքին հավատաս։― Նորից Կ֊ին դիմեց նա։― Ծեծվելու վախից սրանք արդեն փոքր֊ինչ թուլամիտ են դարձել։ Օրինակ,― նա ցույց տվեց Վիլլեմին,― ինչ սա պատմեց իր հնարավոր կարիերայի մասին, անկեղծ ասած, չափից դուրս ծիծաղելի է։ Տես, թե ինչ ճարպոտն է։ Մտրակի առաջին հարվածները ընդհանրապես ճարպաշերտի մեջ կկորչեն։ Իսկ գիտե՞ս, թե որտեղից նրան այդքան ճարպ։ Բոլոր ձերբակալվածների նախաճաշը խժռելու սովորություն ունի։ Քո նախաճաշն էլ չկերա՞վ։ Տեսա՞ր, ասացի, չէ՞։ Իսկ նման որովայն ունեցող մարդը երբեք չի կարող գանահարող դառնալ։ Բացառված բան է։ | ||
+ | |||
+ | ― Ինձ նման գանահարողներ էլ կան,― շալվարի գոտին արձակելով պնդրեց Վիլլեմը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։― Գանահարողը մտրակն այնպես քսեց Վիլլեմի պարանոցին, որ սա ցնցվեց։― Դու պետք է ոչ թե ականջ դնես, այլ հանվես։ | ||
+ | |||
+ | ― Ես լավ կվարձատրեմ քեզ, եթե բաց թողնես սրանց։― Ասաց Կ֊ն, և առանց գանահարողեին նայելու, հանեց դրամապանակը․ նմանատիպ գործարքներն ավելի լավն են լուծվում, երբ երկու կողմն էլ ներքև հառած հայացքներով են կանգնում։ | ||
+ | |||
+ | ― Դու հաստատ մտադիր ես ինձ էլ մատնել և ծեծ ուտել տալ։ Ո՛չ, ո՛չ։ | ||
+ | |||
+ | ― Խոհեմ եղիր։ Եթե այս երկուսի պատժվելը ցանկանայի, նրանց համար փրկագիին չէի տա, կարող էի պարզապես փակել դուռը, չէի ուզենա տեսնել, լսել շարունակությունը և տուն կգնայի։ Բայց ինչպես տեսնում ես, չեմ անում, որովհետև ինձ համար իսկապես կարևոր է սրանց ազատ արձակելը։ Եթե ես պատկերացում իսկ ունենայի, թե սրանք կարող է կամ պետք է պատժվեն, երբեք չէի հայտնի անունները։ Ես նրանց նույնիսկ մեղավոր չեմ համարում։ Մեղավոր է կազմակերպությունը, մեղավոր են բարձր պաշտոնյաները։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է,― բղավեցին պահակներն ու իկսույն մեկական հարված ստացան մերկ մեջքներին։ | ||
+ | |||
+ | ― Եթե մտրակի տակ ավելի բարձաստիճան մի դատավոր լիներ,― խոսելիս Կ֊ն ներքև իջեցրեց կրկին վեր բարձրացող մտարկը,― ես, ճիշտն ասած, չէի խանգարի, որ ծեծեիր նրան։ Ընդհակառակը, նույնիսկ փող կտայի, որ այդ լավ գործի համար ուժ հավաքեիր։ | ||
+ | |||
+ | ― Քո ասածները հավաստի են հնչում, բայց ես թույլ չեմ տա, որ կաշառես ինձ։ Իմ գործը ծեծելն է, ես կծեծեմ։ | ||
+ | |||
+ | Ֆրանցը, որ Կ֊ի միջամտության լավ ելքի ակնկալումով մինչև հիմա բավական դանդաղ էր հանվել և շալվարը դեռ հագին էր, մոտեցավ դռանը, ծունկի գալով կախվեց Կ֊ի ձեռքից ու շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե չկարողանաս երկուսիս համար ներողամտություն կորզել, փորձիր գոնե ինձ ազատել։ Վիլլեմն ինձնից տարիքով է և, ըստ ամենայնի, պակաս դյուրազգա։ Դրանից բացի, մի քանի տարի առաջ նա մի անգամ արդեն թեթևակի պատժվել է, մինչդեռ ինձ դեռ չեն ծեծել։ Միայն նրա պատճառով եմ պարժվելու, որովհետև լավ և վատ արարքների հարցում շարունակ նա է եղել իմ ուսուցիչը։ Ներքևում՝ բանկի դիմաց, մեր դուրս գալուն է սպասում իմ խեղճ հարսնացուն։ Ես սարսափելի ամաչում եմ։― Նա Կ֊ի պիջակի փեշերով չորացրեց իր արցունքոտ դեմքը։ | ||
+ | |||
+ | ― Այլևս չեմ կարող սպասել,― ասաց գանահարողը, երկու ձեռքով բռնեց մտրակն ու, մինչ Վիլլեմը կծկված, առանց գլուխն իսկ շարժել համարձակվելու կանգնել էր մի անկյունում և նայում էր գողունի, ձաղկեց Ֆրանցին։ Լսվեց Ֆրանցի չմասնատված ու միօրինակ աղաղակը, և թվաց, թե մարդ չէր աղաղակողը, այլ տանջահարվող մի գործիք։ Միջանցքը ծայրեծայր թնդաց աղաղակից․ երևի ողջ շենքը լսեց։ | ||
+ | |||
+ | ― Մի՛ բղավիր,― բացականչեց Կ֊ն։ Նա չկարողացավ զսպել իրեն և, երբ լարված նայում էր ծառաների գալու հնարավոր ուղղությամբ, ոչ այնքան ուժեղ, բայց բավական թափով խփեց Ֆրանցին, վերջինս խելքը թռցրած ընկավ ու սկսեց անպետք իրերի մեջ չանգռել հատակը։ Սակայն նա չխուսափեց հարվածներից․ անգամ հատակին ընկած ժամանակ մտրակը գտնում էր նրան, և երբ նա թավալվում էր հատակին, մտրակի լեզվակը կանոնավոր վերուվար էր ճախրում։ Նույն պահին միջանցքի հեռու ծայրում մի ծառա երևաց, նրանից մի քանի քայլ հեռու՝ երկրորդը։ Կ֊ն արագ վրա էր խփել դուռը, մոտեցել բակ նայող պատուհաններից մեկին և բացել։ Աղաղակը չէր լսվում այլևս։ | ||
+ | |||
+ | ― Ես եմ այստեղ,― բացականչեց նա՝ չցանկանալով ծառաներին թույլ տալ ավելի մոտենալ։ | ||
+ | |||
+ | ― Բարի երեկո, պարոն հավատարմատար,― արձագանքեցին ծառաները։― Որևէ բա՞ն է պատահել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչ։ Բակում մի շուն էր ոռնում։ Դուք կարող եք ձեր գործին գնալ,― ավելացրեց նա, երբ տեսավ, որ ծառաները չշարժվեցին տեղերից։ | ||
+ | |||
+ | Նրանց հետ զրույցի չբռնվելու համար Կ֊ն լուսամուտից դուրս կախվեց, և, երբ քիչ անց նորից միջանցքի կողմը շրջվեց, նրանք արդեն հեռացել էին։ Սակայն Կ֊ն մնաց պատուհանի մոտ․ նա չէր համարձակվում մոտենալ խորդանոցին, չէր ուզում նաև տուն գնալ։ Բակը՝ ուր Կ֊ն էր նայում, փոքր էր, չորս կողմից պարփակված գրասենյակային սարհաներով։ Բոլոր պատուհանները մութ էին այս ժամին, միայն վերևի հարկերում էր արտացոլվում լուսինը։ Կ֊ն հայացքը լարելով փորձեց նայել դեպի բակի մութ անկյունը, ուր մի քանի ձեռնասայլակներ էին իրար վրա դարսված։ Նրան տանջում էր այն միտքը, որ չկարողացավ կասեցնել ծեծը, սակայն անհաջողությունը իր մեղքով չէր։ Եթե Ֆրանցը չաղաղակեր, շատ հնարավոր է, որ Կ֊ն գանահարողին համոզելու որևէ միջոց գտներ։ Իհարկե, հնարավոր է, որ հարվածը շատ ցավ պատճառած լիներ, սակայն վճռական պահերին մարդ պետք է ինքնիրեն տիրապետի։ Եթե բոլոր ենթակա պաշտոնյաներն էին ստահակներ, ինչո՞ւ պետք է հենց գանահարողը, որի գործը ամենաանմարդկայինն էր, բացառություն կազմեր։ Կ֊ն շատ լավ տեսավ, թե ինչպես դրամանիշների տեսքից պսպղացին նրա աչքերը, և հասկանալի է, որ միայն կաշառքի գումարը մի փոքր էլ մեծացնելու համար նա անդրդվելի մնաց։ Կ֊ն իրոք չէր վարանի, նրա համար իսկապես կարևոր էր պահակներին ազատելը․ եթե արդեն սկսել էր այս դատավարության ապիկարության դեմ պայքարել, ապա ինքնին հասկանալի է, որ այս կողմից էլ էր ձեռնամուխ լինելու։ Սակայն Ֆրանցի աղաղակելու պահին ամեն ինչ անդառնալոիորեն կորավ։ Կ֊ն չէր կարող թույլ տալ, որ ծառաները, հնարավոր է՝ նաև ուրիշ մարդիկ, գային և խորդանոցի հասարակության հետ բանակցելու ժամանակ անակնկալի բերեին իրեն։ Նման ինքնազոհաբերություն, իրոք, ոչ ոք չէր կարող պահանջել նրանից։ Եթե նա մտադիր լիներ այդպես վարվել, ինչ խոսք, ավելի հեշտ կլիներ, եթե անձամբ հաներ շորերը և պահակների տեղակ իր մարմինը առաջարկեր գանահարողին։ Ի դեպ, վերջինս հազիվ թե համաձայներ փոխանակմանը, որովհետև առանց որևէ բան շահած լինելու, ծանր խախտում կատարած կլիներ, և, հավանաբար, կրկնակի խախտում թույլ տար, որովհետև քանի դեռ Կ֊ն հարցաքննության տակ էր, պետք է դատարանի բոլոր պաշտոնյաների համար անձեռնմխելի մնար։ Իմիջիայլոց, հնարավոր է, որ այս հարցում ուրիշ որոշումներ էին ուժի մեջ։ Ինչ ուզում է լիներ, Կ֊ն, դուռը փակելուց բացի, ուրիշ ոչինչ չէր կարող անել․ նույնիսկ դրանով ոչ ամեն վտանգ էր նրա համար բացառվում։ Որ ինքը Ֆրանցին խփեց, ցավալի էր, և կարելի էր միայն իր հուզված վիճակով բացատրել։ | ||
+ | |||
+ | Կ֊ն հեռվից լսեց ծառաների ոտնաձայները։ Նրանց համար աննկատ մնալու համար նա փակեց պատուհանը և գնաց գլխավոր աստիճանների ուղղությամբ։ Խորդանոցի դռան մոտ մի պահ կանգ առավ և ականջ դրեց։ Լուռ֊լուռ էր։ Գանահարողը գուցե ծեծելով սպանել էր ամբողջովին իր ձեռքը տրված պահակներին։ Կ֊ն ձեռքը խորդանոցի դռան բռնակին մեկնեց, բայց կրկին ետ քաշեց․ այլևս ոչ ոքի չէր կարողանա օգնել, մինչդեռ ծառաները ուր որ է կգային։ Սակայն նա երդվեց, որ այս մասին դեռ խոսք կբացի և իսկական մեղավորներին՝ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից ոչ ոք առայժմ չէր համարձակվել երևալ Կ֊ի աչքերին, ուժերի ներածի չափով արժանի պատիժ կտա։ Բանկի գլխավոր մուտքով դուրս գալուց նա ուշադիր զննում էր անցորդներին, սակայն նույնիսկ հեռու֊հեռվում հնարավոր չէր որևէ մեկին սպասող աղջկա տեսնել։ Ֆրանցի խոսքերը, թե հարսնացուն ներքևում իրեն է սպասում, գուցեև ներելի, բայց սուտ դուրս եկան․ դրանց նպատակը երևի միայն ավելի մեծ կարեկցանք արթնացնելն էր։ | ||
+ | |||
+ | Պահակների մասին միտքը հաջորդ օրը նույնպես չլքեզ Կ֊ին։ Աշխատանքի ժամանակ նա ցրված էր և, ցրվածությունը հաղթահարելու համար, հարկ եղավ նախորդ օրվանից ավելի երկար մնալ գրասենյակում։ Երբ տուն գնալուց նորից անցավ խորդանոցի կողքով, կարծես ըստ սովորության, բացեց դուռը։ Այն, ինչ տեսավ սպասված խավարի փոխարեն, նորից հավասարակշռությունից հանեց նրան։ Նախորդ երեկոյի համեմատությամբ ոչ մի փոփոխություն չկար ներսում․ տառանիշերը և թանաքամանները շեմի ետևում էին, գանահարողը կանգնել էր մտրակը ձեռքին, պահակները կիսով չափ մերկացած էին, մոմը դարակին էր դրված։ Պահակները նորից սկսեցին բղավել ու կանչել․ | ||
+ | |||
+ | ― Պարոոո՝ն․․․ | ||
+ | |||
+ | Կ֊ն իսկույն վրա դրեց դուռը և հարվածեց բռունցքներով․ կարծես այդպես ավելի ամուր կփակեր։ Համարյա լաց լինելով, նա վազեց պատճենահանող մեքենայի վրա աշխատող ծառաների մոտ։ Վերջիններս՝ մի պահ զարմացած, դադարեցին գործը։ | ||
+ | |||
+ | ― Վերջապես մաքրեք խորդանոցը,― բղավեց Կ֊ն։― Մենք ախր խեղդվում ենք աղբի մեջ։ | ||
+ | |||
+ | Ծառաները պատրաստակամություն հայտնեցին հաջորդ օրն իսկ անել այդ գործը։ Կ֊ն գլխով արեց։ Թեև նա մտադրվել էր անհապաղ մաքրել տալ խորդանոցը, սակայն հասկացավ, որ այս ուշ երեկոյան ծառաներին չի կարող ստիպել֊աշխատեցնել։ Նրանց որոշ ժամանակ իր մոտ պահելու համար նա նստեց, մի քանի պատճեն խառնեց, մտածեց, որ դրանով կարող է այն տպավորությունը թողնել, թե ստուգում է, և որովհետև զգաց, որ ծառաները չեն համարձակվի իր հետ հեռանալ, հոգնած, մեխանիկորեն տուն գնաց։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==ՔԵՌԻՆ։ Լեննին== | ||
+ | |||
+ | Մի անգամ, ճաշից հետ (փոստի հետ կապված աշխատանքների վերջում Կ֊ն խիստ զբաղված էր) փաստաթղթերը բերող երկու ծառաների արանքից ներս խցկվեց Կ֊ի քեռին՝ գյուղական փոքր կալվածատեր Կարլը։ Նրան տեսնելով Կ֊ն ավելի քիչ սարսափեց, քան վախեցել էր գալու մասին երկար ժամանակ ի վեր համակած մտքերից։ Մոտ մի ամիս առաջ արդեն Կ֊ն հաստատ գիտեր, որ քեռին գալու է։ Արդեն այն ժամանակ նրան թվում էր, թե տեսնում է քեռուն․ փոքր֊ինչ կռացած, ձախ ձեռքում ճզմված պանաման, աջ ձեռքը դեռ հեռվից ընդառաջ պարզած, ոչ մի բանի վրա ուշադրություն չդրաձնելով, փութով առաջ է մեկնում գրասեղանի վրայով, իր ճամփին ամեն ինչ շուռ տալով։ Նա միշտ շտապում էր, նրան շարունակ հալածում էր այն տարաբախտ միտքը, թե մի օրով մայրաքաղաք գալու ժամանակ պետք է կարողանա նախատեսած ամեն ինչ իրականացնել և, դրանից բացի, իրավունք չունի զրույցի, գործարքի մեջ մտնելու կամ վայելքի պատահաբար ստեղծված որևէ առիթ ձեռքից բաց թողնելու։ Միաժամանակ Կ֊ն, որ պարտական էր իր երբեմնի խնամակալին, պետք է հնարավոր ամեն ինչում սատար լիներ նրան և գիշերելու տեղ տրամադրեր իր մոտ։ «Գյուղի ուրվական»՝ սովորաբար այսպես էր անվանում նա քեռուն։ Ողջույնից անմիջապես հետո քեռին խնդրեց առանձին զրուցել։ Նա ժամանակ չուներ և մերժեց Կ֊ի՝ թիկնաթոռին նստելու առաջարկը։ | ||
+ | |||
+ | ― Անհրաժեշտ է։― Դժվարությամբ թուքը կուլ տալով, արտաբերեց նա։― Ինձ հանգստացնելու համար է անհրաժեշտ։ | ||
+ | |||
+ | Կ֊ն ծառաներին դուրս ուղարկեց և պատվիրեց ոչ ոքի ներս չթողնել։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ եմ իմացել, Յոզեֆ։― Երբ արդեն մենակ էին, բացականչեց քեռին, նստեց սեղանին և ավելի հարմար տեղավորվելու համար տարբեր թղթեր խցկեց տակը՝ առանց դրանց բովանդակությանը նայելու։ | ||
+ | |||
+ | Կ֊ն լռեց։ Նա գիտեր ինչ է լինելու, սակայն լարված աշխատանքից հետո մի պահ թուլանալով, տրվեց հանկարծահաս հաճելի մի հոգնածության և նայեց պատուհանից դուրս՝ փողոցի դիմացի կողմը։ Նստած տեղից փողոցի միայն եռանկյուն հատվածն էր երևում և, երկու խանութների ցուցափեղկերի արանքում՝ դատարկ պատերի մի մասը։ | ||
+ | |||
+ | ― Պատուհանից ես նայում։― Ձեռքերը բարձրացրած բացականչեց քեռին։― Աստծո սիրուն, Յոզեֆ, պատասխանիր ախր, ինձ ճի՞շտ են ասել։ Մի՞թե ճիշտ է։ | ||
+ | |||
+ | ― Սիրելիդ իմ քեռի,― սթափվեց Կ֊ն,― չգիտեմ, թե ի՞նչ ես ուզում ինձանից։ | ||
+ | |||
+ | ― Յոզե՛ֆ։― Քեռու խոսելու տոնը նախազգուշացնող էր։― Ինչքան գիտեմ, դու միշտ ճշմարտախոս ես եղել։ Քո վերջին խոսքերը պետք է որպես վատ նշա՞ն ընդունեմ։ | ||
+ | |||
+ | ― Կռահում եմ ինչ ես ուզում,― հնազանդ ասաց Կ֊ն։― Հավանաբար լսել ես դատավարության մասին։ | ||
+ | |||
+ | ― Այդ է որ կա,― գլուխն օրորելով, դանդաղ հաստատեց քեռին։― Ես իմացել եմ քո դատավարության մասին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ումի՞ց։ | ||
+ | |||
+ | ― Էռնան էր գրել։ Թեև ձեր միջև ոչ մի կապ չկա (ցավոք, դու այնքան էլ հոգ չես տանում նրա մասին), բայց նա գրել էր։ Ես այսօր ստացա նամակը և իսկույն եկա։ Այստեղ հայտնվելուս համար ուրիշ ոչ մի պատճառ չկա, սակայն կարծես թե սա էլ պակաս պատճառ չէ։ Կարող եմ կարդալ նամակի քեզ վերաբերող հատվածը։― Նա հանեց նամակը։― Ահա թե ինչ է գրում․ «Վաղուց է, չեմ տեսել Յոզեֆին։ Անցած շաբաթ բանկ գնացի, բայց նա այնքան զբաղված էր, որ ինձ ներս չթողեցին։ Համարյա մի ժամ սպասեցի ընդունարանում, հետո տուն գնացի, որովհետև դաշնամուրի պարապմունք ունեի։ Ես հաճույքով կուզեի խոսել նրա հետ։ Երևի մոտ օրերս հարմար առիթ գտնվի։ Իմ ծննդյան օրվա կապակցությամբ նա շոկոլադի մեծ տուփ էր ուղարկել․ նրա այդ ուշադրությունը շատ հաճելի էր։ Ես մոռացել էի գրել այդ մասին և միայն այժմ՝ Ձեր հարցը կարդալով, հիշեցի։ Պետք է ասեմ, որ պանսիոնում շոկոլադը իսկույն բաժան֊բաժան է արվում։ Հազիվ է մարդ գլխի ընկնում, որ իրեն շոկոլադ են նվիրել, երբ այն անհետանում է իսկույն։ Յոզեֆի մասին մի բան ևս կուզենայի ասել։ Ինչպես ասացի, բանկում ինձ չթողեցին նրա մոտ գնալ, որովհետև նա ինչ֊որ մի պարոնի հետ էր բանակցում։ Որոշ ժամանակ հանգիստ սպասելուց հետո, ծառաներից մեկին հարցրի՝ արդյոք բանակցությունը երկա՞ր է տևելու։ Նա ասաց, որ, հնարավոր է, այս, քանզի խոսքը հավանաբար պարոն հավատարմատարի դեմ հարուցված դատի մասին է։ Ես զարմացա, թե՝ ի՞նչ դատ։ Գուցե նա սխալվո՞ւմ է։ Նա ասաց՝ ոչ, ինքը չի սխալվում։ Գործ է հարուցվել և այն էլ շատ ծանր գործ, իսկ ավելի մանրամասն ոչինչ չի կարող ասել։ Ինքը ևս մեծ ցանկություն ունի օգնել հավատարմատարին, որովհետև նա լավ ու արդարամիտ պարոն է, սակայն չգիտե, թե ինչպես կարող է ձեռնամուխ լինել, և միայն կուզենար, որ ազդեցիկ մարդիկ իրենց ձեռքը վերցնեին գործը։ Որ այդպես կլինի, և ի վերջո գործը լավ ավարտ կունենա, հաստատ է, առայժմ, սակայն, պարոն հավատարմատարի տրամադրությունից դատելով, գործն այնքան էլ հաջող չէ։ Այս խոսքերին ես, իհարկե, այնքան էլ կարևորություն չտվեցի, փորձեցի նաև միամիտ ծառային հանգստացնել, արգելեցի մյուսներին ևս այդ մասին պատմել և բարբաջանք համարեցի լսածս։ Այնուամենայնիվ, լավ կլիներ, եթե դու, սիրելի հայր, քո հաջորդ այցելության ժամանակ հետամուտ լինեիր գործին, քանզի քեզ համար հեշտ կլինի ընդհուպ մինչև մանրամասները տեղեկանալ և, եթե անհրաժեշտ լինի իրոք, քո ծանոթների լայն ու ազդեցիկ շրջանների օգնությամբ միջոցներ ձեռնարկել։ Իսկ եթե հանկարծ օգնությունն անհրաժեշտ չլինի (մի բան, որ ամենահավանականն է), գոնե դստերդ հնարավորություն կտաս քեզ շուտ գրկելու, և իմացիր, որ դա շատ կուրախացնի նրան»։ Լավ երեխա է։― Նամակը կարդալուց հետո ասաց քեռին և սրբեց աչքերում հայտնված մի քանի կաթիլ արցունքը։ Կ֊ն գլխով արեց։ Տհաճությունների պատճառով նա լրիվ մոռացել էր Էռնային, նույնիսկ ծննդյան օրն էր մոռացել, իսկ շոկոլադի մասին պատմության նպատակն այն էր, որ քեռու և քեռակնոջ մոտ պաշտպաներ իրեն։ Նամակը շատ հուզիչ էր, նա ուզում էր այսօրվանից սկսած կանոնավոր կերպով թատրոնի տոմսեր ուղարկել Էռնային, սակայն թատրոնի տոմսերով Էռնան այնքան էլ հատուցված չէր լինի, իսկ պանսիոնատ այցելելու և տասնութամյա գիմնազիստուհու հետ զրուցելու համար Կ֊ն այս օրերին իրեն այնքան էլ ընդունակ չէր համարում։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կասես այժմ։― Նամակը կարծես մոռացնել էր տվել քեռու շտապողականությունն ու հուզմունքը, և թվում էր, թե նա վերընթերցում է այն։ | ||
+ | |||
+ | ― Այո, քեռի, ճիշտ է։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է։ Ի՞նչն է ճիշտ։ Ինչպե՞ս կարող է ճիշտ լինել։ Ի՞նչ դատավարություն։ Հո քրեական գործ չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Քրեական է։ | ||
+ | |||
+ | ― Քրեական գործը վզիդ, հանգիստ նստել ես այստեղ։― Քեռու ձայնը գնալով բարձրանում էր։ | ||
+ | |||
+ | ― Ինչքան հանգիստ լինեմ, այնքան ավելի լավ՝ ելքի համար։― Հոգնած ասաց Կ֊ն։― Մի վախեցիր։ | ||
+ | |||
+ | ― Դա չի կարող հանգստացնել ինձ, Յոզեֆ։ Սիրելի Յոզեֆ, մտածիր քո մասին, բարեկամներիդ, մեր անվան մասին։ Առայսօր դու մեր պարծանքն ես եղել և իրավունք չունես մեր խայտառակությունը դառնալ։ Քո դիրքորոշումը ինձ դուր չի գալիս։― Նա գլուխը կողքի թեքած նայեց Կ֊ին։― Ոչ մի անմեղ մեղադրյալ, որ դեռ ուժ է զգում իր մեջ, այդպես չի վարվի։ Ասա ինձ, միայն արագ, բանն ի՞նչ է, որ կարողանամ օգնել քեզ։ Գործը հաստատ բանկի հետ է կապված։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։― Կ֊ն վեր կացավ տեղից։― Սակայն դու շատ բարձր ես խոսում, քեռի։ Ծառան հավանաբար դռան մոտ կանգնել, ականջ է դնում։ Դա հաճելի չէ ինձ։ Արի, ավելի լավ է, գնանք այստեղից։ Հետո ես, ինչքան հնարավոր է, կպատասխանեմ քո հարցերին։ Ես շատ լավ գիտեմ, որ հաշվետու եմ ընտանիքին։ | ||
+ | |||
+ | ― Իրոք որ,― բացականչեց քեռին։― Շատ ճիշտ է։ Շտապիր միայն, Յոզեֆ, արագացրու։ | ||
+ | |||
+ | ― Միայն մի քանի հանձնարարություն տամ,― ասաց Կ֊ն ու հեռախոսով սենյակ կանչեց իր տեղակալին։ Մի քանի վայրկյան անց նա եկավ։ Հուզված դրության մեջ քեռին ձեռքով ցույց տվեց, որ Կ֊ն է պատվիրել կանչել նրան (տեղակալը չէր էլ կասկածում)։ Գրասեղանի դիմաց կանգնած Կ֊ն սառը, բայց ուշադիր ունկնդրող երիտասարդին ցածր ձայնով, երբեմն֊երբեմն տարբեր փաստաթղթերի օգնությանը դիմելով, բացատրեց, թե իր բացակայության ժամանակ դեռ ինչ պետք է արվի այսօր։ Քեռին խանգարում էր։ Սկզբում նա կանգնել էր աչքերը լայն բացած ու ջղային կծկումներով շուրթերն էր կծոտում։ Թեև նա ականջ չէր դնում, սակայն նրա շարժումներն արդեն բավական խանգարում էին։ Հետո նա սկսեց սենյակում հետ ու առաջ քայլել․ մեկ կանգ էր առնում պատուհանի դիմաց, մեկ՝ որևէ նկարի, դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ նմանատիպ բացականչություններ էին լսվում․ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Ինձ միայն ասա՝ ի՞նչ է ստացվելու այդ ամենից։ | ||
+ | |||
+ | Երիտասարդը ձևացրեց, թե ոչինչի չի նկատում, մինչև վերջ հանգիստ լսեց Կ֊ի հանձնարարությունները, մի քանի նշումներ արեց և, Կ֊ին ու նրա քեռուն խոնարհվելուց հետո (վերջինս մեջքով շուռ եկավ, լուսամուտից դուրս էր նայում ու առաջ պարզած ձեռքերի մեջ վարագույրները ճմրթում), գնաց։ Հազիվ էր դուռը փակվել, քեռին բացականչեց։ | ||
+ | |||
+ | ― Վերջապե՜ս գնաց այդ խրտվիլակը։ Հիմա կարող ենք մենք էլ գնալ։ Վերջապե՜ս։ | ||
+ | |||
+ | Ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէր քեռուն ստիպել, որ միջանցքում դատավարության մասին հարցեր չտա։ Այսուայնտեղ մի քանի պաշտոնյաներ ու ծառաներ էին խմբված կանգնել, տնօրենի տեղակալը կտրեց֊անցավ նախասրահը։ | ||
+ | |||
+ | ― Դե, Յոզեֆ։― Սկսեց քեռին այն ժամանակ, երբ Կ֊ն կանգնածների խոնարհվելուն թեթև ողջույնով էր պատասխանում։― Այժմ պարզ ասա, ի՞նչ դատավարություն է դա։ | ||
+ | |||
+ | Կ֊ն մի քանի աննշան նկատողություն արեց, մի փոքր ծիծաղեց և միայն աստիճանների վրա բացատրեց քեռուն, որ մարդկանց ներկայությամբ ինքը չէր ուզում խոսել։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է։ Իսկ այժմ ասա։― Գլուխը խոնարհած, սիգարը արագ֊արագ ծխելով, քեռին պատրաստվեց ականջ դնել։ | ||
+ | |||
+ | ― Ամենից առաջ, քեռի, խոսքը սովորական դատարանում լսվող դատավարության մասին չէ։ | ||
+ | |||
+ | ― Վատ է։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս։― Կ֊ն աչքերը հառեց քեռուն։ | ||
+ | |||
+ | ― Ասում եմ, որ շատ վատ է,― կրկնեց քեռին։ Նրանք կանգնել էին փողոցի վրա բացվող ճակատամուտքի մոտ։ Քանի որ թվաց, թե բարապանը ականջ է դնում, Կ֊ն քեռու հետ փողոց իջավ, և աշխույժ երթևեկությունը կլանեց նրանց։ Մինչ այդ Կ֊ից կառչած քեռին առաջվա պես չէր հետաքրքրվում դատավարությունով․ նրանք որոշ ժամանակ նույնիսկ լուռ քայլեցին։ | ||
+ | |||
+ | ― Բայց ինչպե՞ս եղավ,― հարցրեց քեռին ու այնպես անսպասելի կանգ առավ, որ նրանց հետևից եկող մարդիկ վախեցած հետ քաշվեցին։― Նման բաներն, ախր, հանկարծակի չեն լինում։ Դրանք երկար ժամանակ նախապատրաստվում են։ Դրանց համար պետք է որ նախանշաններ լինեին։ Ինչո՞ւ չես գրել։ Դու գիտես, որ քեզ համար ամեն ինչ կանեմ, ես ախր ինչ֊որ չափով քո խնամակալն եմ դեռ և մինչև այժմ հպարտ եմ եղել դրանով։ Ես, իհարկե, այսօր էլ կօգնեմ, միայն թե այժմ, երբ դատավարությունը ընթացքի մեջ է, շատ դժվար է։ Համենայնդեպս, ավելի լավ կլինի, եթե կարճատև արձակուրդ վերցնես և մեզ մոտ՝ գյուղ գաս։ Դու մի փոքր նիհարել ես․ միայն այժմ նկատեցի։ Գյուղում կկազդուրվես, լավ կլինի։ Քեզ, անշուշտ, շատ դժվարություններ են սպասում։ Դրանից բացի, ինչ֊որ չափով կկտրվես դատավարությունից։ Այստեղ նրանք ազդելու բոլոր հնարավոր միջոցներն ունեն և անհրաժեշտության դեպքում կիրառում են քո դեմ, մինչդեռ եթե գյուղում լինես, ստիպված կլինեն նախ մարդ ուղարկել կամ կփորձեն նամակով, հեռագրով ու հեռախոսով տեղյակ պահել։ Թեև դու չես ազատվի նրանցից, բայց այդ քայլ հնարավորություն կտա թուլացնել ազդեցությունը և ազատ շնչելու հնարավորություն կտա քեզ։ | ||
+ | |||
+ | ― Նրանք կարող են արգելել ինձ քաղաքից հեռանալ։― Քեռու խոսքերը մի փոքր ազդել էին Կ֊ի վրա։ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարծում, որ այդպես կվարվեն,― մտախոհ ասաց քեռին։― Քո հեռանալը չի թուլացնի նրանց ազդեցությունը։ | ||
+ | |||
+ | ― Ես մտածում էի,― Կ֊ն բռնեց քեռու թևատակից ու չթողեց, որ նա կանգնի,― թե դու այս ամենին ինձնից պակաս կարևորություն կտաս, մինչդեռ այժմ այնքան ծանր ես ընդունում։ | ||
+ | |||
+ | ― Յոզեֆ,― բացականչեց քեռին, ուզեց պոկվել զարմիկի ձեռքից, որ նորից կարողանա կանգնել, բայց Կ֊ն չթողեց։― Դու առաջվանը չես։ Դու, ախր, միշտ խելամիտ ես եղել և եհնց այժմ է բանականությունը լքում քեզ։ Ի՞նչ է, ուզում ես դատը տանո՞ւլ տալ։ Գիտե՞ս, թե ի՞նչ է նշանակում դա։ Դա նշանակում է, որ դու պարզապես կջնջվես, և որ բոլոր բարեկամներիդ քեզ հետ կքաշես կամ ցեխի մեջ մտցնելու աստիճան կնվաստացնես։ Յոցե՛ֆ, տիրապետիր քեզ։ Քո անտարբերությունը խելագարեցնում է ինձ։ Քեզ նայողը ակամա ուզում է հավատալ «Այդ գործն սկսողը հենց սկզբից էր տանուլ տվել» ասացվածքին։ | ||
+ | |||
+ | ― Սիրելիդ իմ քեռի, հուզմունքն այնքան ավելորդ է այստեղ։ Հիմա դու ես հուզված, բայց կարող է ես էլ հուզվեմ։ Զգացմունքներին տրվելով հնարավոր չէ դատը շահել։ Տեսնում ես, որ ես միշտ, հիմա նույնպես, շատ եմ հարգում քո խորհուրդները (թեև նրանք ինձ անակնկալի են բերում), բայց թույլ տուր, որ մի տեղ էլ իմ գիտեցածով շարժվեմ։ Քանի որ ասում ես, թե դատավարության պատճառով նաև ընտանիքն է անախորժության մեջ ընկնելու (ճիշտն ասած, այդ բանը չեմ կարող պատկերացնել, բայց դա այնքան էլ կարևոր չէ), ապա ուզում եմ ամեն ինչում քո խոսքերին հետևել։ Միայն թե գյուղ մեկնելը՝ թեկուզ ըստ քո ասածի, ձեռնտու չեմ համարում, որովհետև դա կնշանակի մեղավոր լինելու փաստը ընդունել ու փախուստի դիմել։ Դրանից բացի, չնայած այստեղ ինձ ավելի շատ են հետևում, քան եթե գյուղում լինեմ, սակայն այստեղ կարող եմ անձամբ հետևել գործին։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է։― Այնպիսի տոնով հաստատեց քեռին, կարծես այժմ վերջապես սկսել էին միմյանց հասկանալ։― Ես առաջարկեցի, որովհետև ինձ թվաց, թե այստեղ մնալով քո անտարբերությամբ կվնասես գործին, և մտածեցի, որ ավելի լավ է, քո փոխարեն ես գործի անցնեմ։ Իսկ եթե ուզում ես սեփական ուժերով ընթացք տալ գործին, դա, ինչ խոսք, ավելի լավ է։ | ||
+ | |||
+ | ― Այդ հարցում, ուրեմն, մենք համամիտ ենք,― ասաց Կ֊ն։― Իսկ այժմ որևէ առաջարկ ունե՞ս, թե ինչ եմ անելու հետո։ | ||
+ | |||
+ | ― Ես, իհարկե, նախ պետք է մի լավ մտածեմ գործի մասին։ Հիշիր, որ արդեն քսան տարի անընդմեջ գյուղում եմ ապրել և դատական գործերում իմ հոտառությունը տեղի է տվել։ Նման գործերում ավելի լավ կողմնորոշվող անձնավորությունների հետ ունեցած կարևոր կապերը ինքնըստինքյան թուլացել են։ Ինքդ էլ գիտես, որ գյուղում ես փոքր֊ինչ մեկուսացած եմ ապրել․ դա միայն նման առիթների դեպքում է նկատվում։ Թեև Էռնայի նամակից որոշ բաներ կանխագուշակում էի արդեն և այսօր քեզ տեսնելուց հետո համարյա թե համոզվեցի, այնուամենայնիվ, քո գործը ինձ համար մասամբ անակնկալ էր։ Սակայն դա էական չէ։ Այժմ ամենակարևորը ժամանակ չկորցնելն է։ | ||
+ | |||
+ | Դեռ խոսելու ժամանակ քեռին ոտնաթաթերի վրա կանգնած, նշան արեց մեքենաներից մեկին և Կ֊ին իր հետևից մեքենայի մեջ քաշելու հետ մեկտեղ ինչ֊որ հասցե հայտնեց վարորդին։ | ||
+ | |||
+ | ― Հիմա կգնանք փաստաբան Հուլդի մոտ։ Նա իմ դասընկերն է եղել։ Երևի լսե՞լ ես այս անունը։ Ո՞չ։ Զարմանալի է։ Նա դատապաշտպանի ու աղքատների փաստաբանի մեծ համբավ է վայելու․ իսկ ես նրան վստահում եմ որպես մարդու։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես ուզում ես, վարվիր։ Ես չեմ առարկում,― ասաց Կ֊ն, թեև քեռու գործելու շտապ և անհետաձգելի կերպը անհաճո զգացում էր պատճառում․ որպես մեղադրյալ՝ աղքատների փաստաբանին դիմելու մեջ ուրախացուցիչ ոչինչ չկար։― Չգիտեի, որ նման գործերում կարելի է նաև փաստաբանի ներգրավել։ | ||
+ | |||
+ | ― Ինչ խոսք,― զարմացավ քեռին։― Ինքնին հասկանալի է։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Այժմ պատմիր ինձ ամեն ինչ, որ կատարվել է մինչև այսօր։ Ես ուզում եմ գործին լավ իրազեկ լինել։ | ||
+ | |||
+ | Կ֊ն սկսեց առանց որևէ բան թաքցնելու պատմել։ Նրա կատարյալ անկեղծությունը միակ բողոքն էր, որ կարող էր թույլ տալ իրեն՝ ի հակադրում քեռու տեսակետի․ դատավարությունը խայտառակություն է։ Միայն մեկ անգամ, այն էլ թեթևակի, նա հիշտակեց ֆրոյլայն Բյուրստների անունը, սակայն դա ստվեր չգցեց նրա անկեղծության վրա, որովհետև ֆրոյլայն Բյուրստները ոչ մի առնչություն չուներ դատավարության հետ։ Պատմելու ժամանակ նա մեքենայի լուսամուիտց դուրս էր նայում և նկատեց, որ մոտեցան հենց այն արվարձանին, ուր դատարանի գրասենյակներին էին գտնվում։ Նա քեռու ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա, սակայն քեռին համընկնումը այնքան էլ արտառոց չհամարեց։ Մեքենան կանգնեց մի մութ տան դիմաց։ Քեռին անմիջապես սեղմեց առաջին տան զանգը ու, մինչ սպասում էին, ժպտալով կրճտացրեց խոշոր ատամները և շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Ժամը ութն է։ Դատական գործ ունեցողների այցելության համար անսովոր ժամ է, սակայն Հուլդը չի նեղանա ինձնից։ | ||
+ | |||
+ | Դռան դիտանցքի մեջ երկու խոշոր, սև աչքեր երևացին, մի կարճ պահ զննեցին հյուրերին և անհետացան, բայց դուռը չբացվեց։ Քեռին և Կ֊ն փոխադարձաբար հաստատեցին միմյանց կարծիքները, որ տեսան զննող աչքերը։ | ||
+ | |||
+ | ― Նոր աղախին է, անծանոթներից վախենում է։― Կարծիք հայտենց քեռին ու նորից բախեց։ Աչքերը նորից հայտնվեցին։ Այժմ նրանց արտահայտությունը կարելի էր նույնիսկ տխուր համարել, սակայն դա երևի խաբկանք էր, որ առաջացել էր Կ֊ի և քեռու գլխավերևում՝ շատ մոտիկ, թշշալով այրվող, բայց քիչ լույս տվող գազի անլապտեր բոցից։ | ||
+ | |||
+ | ― Բացեք,― ձայն տվեց քեռին և բռունցքով բախեց դուռը։― Մենք պարոն փաստաբանի ընկերներն ենք։ | ||
+ | |||
+ | ― Պարոն փաստաբանը հիվանդ է։― Թիկունքում շշնջաց ինչ֊որ մեկը։ | ||
+ | |||
+ | Փոքրիկ մուտքի հակառակ ծայրում, դռան մեջ կանգնել էր քնազգեստ հագած մի պարոն․ շշնջացողը նա էր։ Այդքան երկար սպասելը քեռուն կատաղեցնում էր արդեն։ Նա թափով շրջվեց ու բղավեց․ | ||
+ | |||
+ | ― Հիվա՞նդ։ Ասացիք հիվա՞նդ է,― հարցրեց նա ու սպառնալիք տեսքով քայլեց դեպի պարոնը, կարծես նա լիներ հիվանդությունը։ | ||
+ | |||
+ | ― Դուռը բաց է արդեն։― Պարոնը ցույց տվեց փաստաբանի դուռը, հավաքեց քնազգեստի փեշերն ու անհետացավ։ Դուռն, իսկապես, բաց էր։ Սպիտակ, երկար գոգնոց կապած մի ջահել աղջիկ կանգնել էր նախասենյակում և ձեռքի մոմով լուսավորում էր։ Կ֊ն ճանաչեց դիտանցքից նայող մուգ, փոքր֊ինչ դուրս պրծած աչքերը։ | ||
+ | |||
+ | ― Հաջորդ անգամ շուտ կբացեք։― Բարևի փոխարեն ասաց քեռին, երբ աղախինը՝ ծունկը թեթևակի ծալելով, ողջունեց։― Արի, Յոզեֆ։― Կանչեց նա աղջկա կողքով դանդաղ առաջ շարժվող Կ֊ին։ | ||
+ | |||
+ | ― Պարոն փաստաբանը հիվանդ է։― Հայտնեց աղջիկը, որովհետև քեռին առանց կանգ առնելու շտապեց դռներից մեկի կողմը։ Կ֊ն աղջկան էր նայում նաև այն ժամանակ, երբ վերջինս դուռը փակելու համար շուռ էր եկել․ նա տիկնիկի կլոր դեմք ուներ, ոչ միայն գունատ այտերն ու դունչն էին կլոր եզրագծվում, այլև նաև քունքերն ու ճակատը։ | ||
+ | |||
+ | ― Յոզեֆ։― Կրկին ձայն տվեց քեռին ու դիմեց աղախնին։― Սի՞րտն է ցավում։ | ||
+ | |||
+ | ― Կարծում եմ, այո,― պատասխանեց աղջիկը։ Նա հասցրել էր մոմը բռնած առաջ անցնել ու բացել սենյակի դուռը։ Սենյակի մի անկյունում, ուր դեռ չէր թափանցել մոմի լույսը, երկար մորուքով մեկը բարձրացավ անկողնու մեջ։ | ||
+ | |||
+ | ― Այդ ո՞վ է գալիս, Լեննի,― հարցրեց փաստաբանը։ Մոմի լույսը նրա աչքերին էր ընկել ու թույլ չէր տալիս ճանաչել հյուրերին։ | ||
+ | |||
+ | ― Ալբերտն է, քո հին ընկերը։ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, Ալբերտ։― Փաստաբանը ետ ընկավ, կարծես այս այցելության հանդեպ կեղծելու ոչ մի անհրաժեշտություն չկար։ | ||
+ | |||
+ | ― Վիճակդ իրո՞ք այդքան վատ է։― Հարցրեց քեռին և նստեց մահճակալին եզրին։― Չեմ կարծում։ Սա քո սրտի նոպաներից մեկն է և մյուսների նման կանցնի։ | ||
+ | |||
+ | ― Հնարավոր է,― կամաց խոսեց փաստաբանը։― Բայց սա մյուսներից ավելի ծանր է։ Դժվարությամբ եմ շնչում, բնավ չեմ կարողանում քնել և օրըստօրե ավելի ուժասպառ եմ լինում։ | ||
+ | |||
+ | ― Այդպես։― Խոսեց քեռին և գլխարկը խոշոր ձեռքով ամուր սեղմեց ծնկին։― Վատ լուրեր են։ Ի դեպ, քեզ լա՞վ են խնամում։ Այստեղ այնպես տխուր ու մութ է։ Ահագին ժամանակ է անցել, ինչ վերջին անգամ այս սենյակում եմ եղել․ այն ժամանակ տունն ավելի բարետես էր թվում։ Նաև քո այս փոքրիկ ֆրոյլայնն է ոչ այնքան ուրախ երևում։ Թե՞ ձևանում է։ | ||
+ | |||
+ | Աղջիկը մոմը ձեռքին առաջվա պես կանգնել էր դռան մոտ և, որքանով որ նրա անորոշ հայացքն էր թույլ տալիս ենթադրել, ավելի շուտ Կ֊ին էր նայում, քան քեռուն, թեև վերջինս նրա մասին էր խոսում։ Կ֊ն մի բազկաթոռ էր քաշել աղջկան մոտ ու հենվել էր դրան։ | ||
+ | |||
+ | ― Ինձ նման հիվանդին հանգիստ է հարկավոր,― ասաց փաստաբանը և կարճ դադար տալուց հետո ավելացրեց։― Լեննին լավ է խնամում։ Ապրի նա։ | ||
+ | |||
+ | Սակայն փաստաբանի խոսքեր չէին կարող համոզել քեռուն։ Նա բացահայտորեն վատ էր տրամադրվել աղախնի նկատմամբ, ու թեև ոչնչով չառարկեց հիվանդին, բայց խիստ հայացքներով հետևեց աղախնին, երբ վերջինս մոտեցավ անկողնին, մոմը դրեց մահճակալի կողքի սեղանիկին, հիվանդի վրա կռացավ ու բարձն ուղղելու ժամանակ նրա հետ շշուկներ փոխանակեց։ Քեռին կարծես դադարեց ուշադրություն դարձնել հիվանդին, ոտքի կանգնեց, սկսեց աղախնի թիկունքում ետուառաջ քայլել, և Կ֊ին թվաց, թե չի զարմանա, եթե քեռին մեջքի կողմից բռնի աղախնի շորերն ու քաշի անկողնից։ Կ֊ն հանգիստ հետևում էր։ Փաստաբանի հիվանդությունը նրան այնքան էլ անցանակլի չէր․ այս գործում քեռու ձեռնարկած ջանքերին նա չէր կարող հակադրվել և հաճույքով էր հետևում այն անհաջողությանը, որ, առանց իր մասնակցության, մատնվում էին քեռու ջանքերը։ | ||
+ | |||
+ | ― Ֆրոյլայն,― երևի միայն աղախնին վիրավորելու մտադրությամբ խոսեց քեռին։― Խնդրում եմ, որոշ ժամանակով մենակ թողեք մեզ։ Իմ ընկերոջ հետ քննարկելու նեղանձնական գործ ունեմ։ | ||
+ | |||
+ | Աղախինը, որ ավելի խորն էր կռացել հիվանդի վրա և պատի կողմում սավանն էր ուղղում, միայն գլուխը շրջեց։ | ||
+ | |||
+ | ― Ինքներդ եք տեսնում։ Պարոնն այնքան հիվանդ է, որ չի կարող ոչ մի նեղանձնական գործ քննարկել։― Աղախինը շատ հանգիստ պատասխանեց, և նրա պատասխանը շատ տարբերվեց զայրույթից կակազող, հետո նորից սահուն խոսող քեռու խոսքերից։ Նա հավանաբար միայն հաճույքի համար կրկնեց քեռու խոսքերը (զրույցին անմասն մարդու դա կարող էր նաև ծաղրական թվալ), մինչդեռ քեռին՝ խոցվածի նման, իհարկե, վեր թռավ։ | ||
+ | |||
+ | ― Անիծյալ արարած։― Հուզմունքի անմիջական ազդեցության տակ, չգիտես ինչու բացականչեց քեռին։ Կ֊ն կարկամեց․ թեև նման բան սպասում էր, բայց երկու ձեռքով քեռու բերանը փակելու ցանկությամբ շտապեց նրա կողմը։ Բարեբախտաբար, աղջկա թիկունքում բարձրացավ հիվանդը։ Քեռու մթնած դեմքից կարելի էր ենթադրել, թե նա ինչ֊որ զզվելի բան կուլ տվեց ու հետո՝ արդեն ավելի հանգստացած, ավելացրեց․ | ||
+ | |||
+ | ― Մենք, ինչ խոսք, դեռ խելքներս չենք կորցրել։ Եթե իմ պահանջը անհնարին լիներ, ես ոչինչ չէի ասի։ Խնդրում եմ, գնացեք այժմ։ | ||
+ | |||
+ | Աղախինը՝ դեմքով դեպի քեռին շուռ եկած, ուղիղ կանգնեց մահճակալի մոտ և, ինչպես Կ֊ին թվաց, մի ձեռքով շոյում էր փաստաբանի ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Լեննիի ներկայությամբ կարող ես ամեն ինչ պատմել։― Համառ խնդրանքի տոնով խոսեց փաստաբանը։ | ||
+ | |||
+ | ― Խոսակցությունն ինձ չի վերաբերում,― պատասխանեց քեռին։― Դա իմ գաղտնիքը չէ։― Նա այնպես շուռ եկավ, կարծես այլևս մտադիր չէր բանակցությունների մեջ մտնել, բայց դիմացինին մտածելու կարճ ժամանակ տրամադրում էր դեռ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞ւմ է վերաբերում։― Մարող ձայնով խոսեց փաստաբանը և պառկեց նորից։ | ||
+ | |||
+ | ― Իմ զարմիկին։ Նա այստեղ է, ինձ հետ։ Հավատարմատար Յոզեֆ Կ․։― Ներկայացրեց քեռին։ Ի պատասխան, փաստաբանը ավելի աշխույժ «օհ» արեց և ձեռքը մեկնեց Կ֊ին։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, խնդրեմ։ Ես չէի նկատել Ձեզ։ Լեննի, գնա,― դիմեց նա աղջկան և, կարծես երկար ժամանակով էր հրաժեշտ տալիս, պարզեց ձեռքը։ Այս անգամ աղախինը այլևս չառարկեց։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դու,― վերջապես քեռուն դիմեց փաստաբանը․ քեռին իր հերթին նույնպես խաղաղվել էր և մոտեցել էր մահճակալին,― ինձ այցելելու համար չես եկել, այլ միայն գործո՞վ։ | ||
+ | |||
+ | Փաստաբանը երևի մինչև այս պահը մտածել էր, թե ընկերը հիվանդատեսի է եկել, և այդ պատկերացումը ուժազրկել էր նրան, մինչդեռ այժմ նա կարծես վերգտել էր ուժերը․ պառկել էր շարունակ մի արմունկին հենված (իսկ դա պետք է որ շատ ուժ խլեր նրանից), միաժամանակ խաղալով մորուքի մեջտեղի փնջի հետ։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդ կախարդը հեռացավ, դու ավելի առողջ ես երևում։ Գրազ եմ գալիս, որ նա ականջ է դնում,― շշնջաց քեռին ընդհատեց խոսքը, մի ցատկով հայտնվեց դռան մոտ, սակայն դռան հետևում ոչ ոք չկար։ Նա ոչ թե հիասթաված, ավելի շուռ՝ դառնացած ետ եկավ իր տեղը․ այն, որ աղախինը թաքուն չէր լսում, ավելի վատ տպավորություն թողեց նրա վրա։ | ||
+ | |||
+ | ― Դու սխալ կարծիքի ես Լեննիի մասին։― Առարկեց փաստաբանը և չշարունակեց պաշտպանել աղախնին։ Դրանով, երևի, ուզեց ասել, որ աղջիկը կողմնակի պաշտպանության կարիք չունի։― Ինչ վերաբերում է քո պարոն ազգականի գործին,― շարունակեց նա,― ապա ինձ երջանիկ կհամարեմ, եթե ուժերս բավականացնեն այդ ծայրահեղ դժվար առաջադրանքի համար։― Նրա ձայնի մեջ կարեկցանքի երանգ կար։― Վախենում եմ, որ չբավականացնեն, բայց ես ոչ մի հնարավորություն բաց չեմ թողնի և, եթե անգամ իմ ուժերը բավական չլինեն, կարող ենք նաև ուրիշ մարդու ներգրավել։ Անկեղծ լինելու համար ասեմ, որ ուրիշ ամեն մի մասնակցություն ժխտելու աստիճան հետաքրքրված եմ այս գործով։ Եթե հանկարծ սիրտս չդիմանա լարվածությանը, ապա ընդհանրապես կանգ առնելու համար գոնե մի արժանի առիթ կգտնի այստեղ։ | ||
+ | |||
+ | Կ֊ին թվաց, թե փաստաբանի ճառից ոչ մի բառ չհասկացավ։ Որևէ բացատրություն ստանալու նպատակով նա նայեց քեռուն, բայց վերջինս մոմը ձեռքին նստել էր մահճակալի մոտի փոքր սեղանին (այնտեղից դեղորայքի մի շիշ էր գլորվել գորգին), փաստաբանի ասածներին գլխով էր անում և համաձայնելու հրավերով երբեմն֊երբեմն նայում էր Կ֊ի կողմը։ Գուցե մինչև այստեղ գա՞լն էր քեռին դատավարության մասին պատմել փաստաբանին։ Բայց դա անհնար էր, որովհետև այս պահին նախորդած դեպքերը նման ենթադրությանը դեմ էին խոսում։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում Ձեզ,― ասաց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Գուցե ե՞ս եմ սխալ հասկացել։― Կ֊ից ոչ պակաս զարմացած ու մտախոհ հարցրեց փաստաբանը։― Միգուցե շտապե՞լ եմ։ Ինչի՞ մասին էիք ուզում խոսել ինձ հետ։ Ես կարծեցի, թե խոսքը դատավարության մասին է։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե,― միջամտեց քեռին։― Իսկ դո՞ւ ինչ ես ուզում,― Կ֊ին հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց Դուք որտեղի՞ց եք տեղյակ իմ և իմ դատավարության մասին։ | ||
+ | |||
+ | ― Ահա՜ թե ինչ։― Փաստաբանը ժպտաց։― Ես, ախր, փաստաբան եմ, շփվում եմ դատական շրջանակների հետ, նրանք տարբեր բաների մասին են խոսում, իսկ դրանցից առավել հետաքրքիրները, մանավանդ որ ընկերներիցս մեկի զարմիկին են վերաբերում, մտապահվում են։ Այդտեղ, ախր, արտասովոր ոչինչ չկա։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում, դու ի՞նչ ես ուզում,― նորից հարցրեց քեռին։― Շատ անհանգիստ ես։ | ||
+ | |||
+ | ― Դուք այդ դատարանի հետ առնչությո՞ւն ունեք,― հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Այո։ | ||
+ | |||
+ | ― Երեխայական հարցեր ես տալիս,― նախատեց քեռին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞ւմ հետ պետք է շփվեի, եթե ոչ իմ մասնագիտության տեր մարդկանց։― Քեռուն լրացրեց փաստաբանը, և դա այնպես անառարկելի հնչեց, որ Կ֊ն ոչինչ չպատասխանեց։ | ||
+ | |||
+ | «Դուք, ախր, արդարադատության պալատի դատարանում եք աշխատում և ոչ թե ձեղնահարկի»։― Ուզեց ասել նա, սակայն չէր կարող հաղթահարել ինքնիրեն, որ ասեր այդ խոսքերը։ | ||
+ | |||
+ | ― Դուք պետք է իմանաք։― Այնպիսի տոնով շարունակեց փաստաբանը, կարծես ինչ֊որ ինքին հասկանալի բան է ավելորդ անգամ հենց այնպես բացատրում։― Պետք է իմանաք, որ նմանատիպ հաղորդակցումների շնորհիվ իմ այցելուների համար՝ թեկուզ տարբեր տեսակետներից էլ նայելու լինենք, մեծ առավելություն եմ ձեռք բերում։ Կարիք չկա բնավ շարունակել այդ մասին խոսելը։ Ինչ խոսք, հիվանդությունը իմ գործունեության համար խանգարիչ հանգամանք է, սակայն դատարանի իմ լավ ընկերները այցելում են ինձ, և ես որոշ բաների հասու եմ լինում, գուցե ավելի շատ բան եմ տեղեկանում, քան մյուսները, որոնց լավառողջ վիճակը թույլ է տալիս ամբողջ օրը դատարանում անցկացնել։ Օրինակ, հենց այս րոպեին ինձ մոտ նման մի սիրված ընկեր կա։― Նա ցույց տվեց սենյակի մութ անկյուններից մեկը։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւր է։― Անակնկալի առաջին ազդեցության տակ համարյա կոպիտ հարցրեց Կ֊ն։ Նա անվստահ շուրջը նայեց․ փոքր մոմի լույսը չէր թափանցում մինչև հանդիպակաց պատը։ Բայց իրոք, անկյունում մեկն սկսեց շարժվել։ Քեռին բարձր պահեց մոմը և այնտեղ՝ փոքր սեղանի մոտ նստած մի տարեց մարդ երևաց։ Նա հավանաբար շունչն էլ էր պահել, որովհետև կարողացել էր այդքան ժամանակ աննկատ մնալ, իսկ այժմ դժվարանալով վեր կացավ ու բացահայտորեն դժգոհ էր, որ իր վրա ուշադրություն էին դարձրել։ Թվաց, թե նա ցանկացավ ձեռքերը շարժելով (նա ձեռքերը թռչունի թևերի նման շարժեք) հրաժարվել ողջույնից ու ներկայացված լինելուց, ոչ մի դեպքում չէր ուզում իր ներկայությամբ խանգարել մյուսներին և խնդրում էր, որ իրեն նորից թողնեն մթության մեջ, մոռանալով իր ներկայությունը, սակայն արդեն ոչ ոք նման բան թույլ չէր տա։ | ||
+ | |||
+ | ― Ձեր այցը անսպասելի էր մեզ համար։― Կ֊ին, քեռուն բացատրեց փաստաբանը և միաժամանակ ձեռքով նշան արեց պարոնին, որ մոտ գա։ Վերջինս երկմտանքով շուրջը նայեց ու դանդաղ, որոշակի արժանապատվությամբ հետևեց հրավերին։ | ||
+ | |||
+ | ― Դատարանի գրասենյակների պարոն տնօրենը, ախ, հա, ես չեմ ներկայացրել․ իմ ընկերն է՝ Ալբերտ Կ֊ն, նրա զարմիկը՝ հավաատրմատար Յոզեֆ Կ․։ Պարոնը տնօրեն է։ Պարոն տնօրենն, ուրեմն, այնքան սիրալիր է գտնվել, որ այցելել է ինձ։ Նման այցելության իսկական արժեքը կարող է, ինչ խոսք, միայն բանիմաց մարդը իմանալ, որովհետև պարոն տնօրենը շատ ծանրաբեռնված է աշխատանքով։ Այնուամենայնիվ, նա այցելեց ինձ, մենք, որքանով որ իմ տկարությունն էր թույլատրում, զրուցեցինք և, որովհետև ոչ մի այցելուի չէինք սպասում ու Լեննիին չէինք արգելել նրանց ներս թողնել, մտածում էինք, թե մենակ կլինենք։ Սակայն հետո լսվեցին քո բռունցքի հարվածները, Ալբերտ, և պարոն տնօրենը սեղանի ու թիկնաթոռի հետ անկյունը քաշվեց։ Այժմ պարզվում է, որ միասին կարող ենք մի գործ քննարկել և ցանկության դեպքում, իհարկե, շատ լավ կարող ենք տեղից շարժել այն։ Պարոն տնօրեն։― Ասաց փաստաբանը և, գլուխը թեքելով ու հանազանդ ժպտալով, ցույց տվեց մահճակալի մոտ դրված թիկնաթոռներից մեկը։ | ||
+ | |||
+ | ― Ես, ցավոք, կարող եմ միայն մի քանի րոպե մնալ,― մտերմաբար տեղեկացրեց տնօրենը, ընկղմվեց թիկնաթոռի մեջ ու նայեց ժամացույցին․― գործերը չեն թողնում։ Այնուամենայնիվ, չեմ ուզում իմ ընկերոջ ընկերներից մեկի հետ ծանոթանալու առիթը բաց թողնել։― Նա թեթևակի խոնարհվեց քեռուն։ Վերջինս շատ գոհ էր երևում այդ նոր ծանոթությունից, բայց պատճառը բնավորությունն էր, որ չէր կարողանում արտահայտել նվիրվածության զգացումը, և նա՝ տնօրենի խոսքերից շփոթված, բարձրաձայն ծիծաղեց։ Զզվելի տեսարան էր։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Կ֊ի վրա, և նա կարող էր շուրջն ամեն ինչ զննել։ Տնօրենը, քանի որ արդեն առաջ էր եկել, խոսակցության ղեկը վերցրեց ձեռքը (դա, երևի, նրա սովորությունն էր), փաստաբանը, որի տկարությունը սկզբում գուցե նոր այցելությունը մերժելու նպատակն էր հետապնդում միայն, ձեռքն ականջին դրած, ուշադիր լսում էր, մեմը ձեռքում պահած քեռին (նա ազդրի վրա մոմի հավասարակշռությունն էր պահպանում, իսկ փաստաբանը մտահոգ հայացքով հաճախ նայում էր նրա կողմը) արդեն հաղթահարել էր շփոթմունքը և նստել էր՝ ինչպես տնօրենի խոսելաձևից, այնպես էլ ձեռքերի՝ խոսքն ուղեկցող սահուն, ալիքաձև շարժումներից հիացած։ Մահճակալի դրանդուն հենված Կ֊ն հավանաբար միտումնավոր կերպով էր տնօրենի ուշադրությունից դուրս մանցել և ծեր պանոնների մոտ միայն ունկնդրի դեր էր տանում։ Ի դեպ, նա հազիվ էր հասկանում, թե ինչի մասին է խոսքը, և մեկ մտածում էր աղախնի ու քեռու ասծ վատ խնամքի մասին, մեկ էլ թե՝ արդյո՞ք ինքը մի անգամ արդեն տնօրենին չի հանդիպել։ Երևի հենց առաջին հետաքննության ժամանակ է տեսել։ Եթե Կ֊ն այժմ սխալվում էլ էր, ապա, միևնույնն է, գրասենյակների տնօրենը շատ լավ էլ կհամապատասխաներ ժողովի մասնակիներին՝ առաջին շարքի ցանցառ մորուքներով ծեր պարոններին։ | ||
+ | |||
+ | |||
+ | Նախասենյակում աղմուկ լսվեց և մի պահ բոլորին ստիպեց ականջ դնել․ երևի սպասք ջարդուփշուր արեցին։ | ||
+ | |||
+ | ― Ես տեսնեմ, թե ի՞նչ եղավ։― Կ֊ն դանդաղ դուրս եկավ․ կարծես մյուսներին դեռ հնարավորություն էր տալիս, որ իրեն ետ պահեին։ Հազիվ նախասենյակ ելած, ուզում էր մթության մեջ կողմնորոշվել, երբ դռան բռնակը ամուր բռնած նրա ձեռքին մի փոքր ձեռք իջավ՝ շատ ավելի փոքր, քան իր ձեռքը, և անաղմուկ փակեց դուռը։ Աղախինն էր․ կանգնել էր այդտեղ և սպասում էր։ | ||
+ | |||
+ | ― Ոչինչ չի պատահել,― շշնջաց նա։― Ես միայն մի ափսե խփեցի պատին, որ Ձեզ դուրս հանեմ սենյակից։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ Ձեր մասին մտածեցի,― շփոթված ասաց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ, եկեք։― Մի քանի քայելից հետո նրանք կանգնեցին խավարեցված ապակիով դռան մոտ։ Աղախինը բացեց դուռը և ներս հրավիրեց Կ֊ին։― Ներս եկեք։ | ||
+ | |||
+ | Փաստաբանի աշխատասենյակն էր այդտեղ և ինչքան հնարավոր էր երեք մեծ պատուհաններից ներս թափանցած, հատակի վրա երեք քառանկյուն պատկերներ գծած լուսնի լույսի տակ իրերը զանազանել՝ սենյակը հին, ծանր կահույքով էր կահավորված։ | ||
+ | |||
+ | ― Այս կողմ։― Աղախինը ցույց տվեց փորագրված թիկնակով փայտե բազկաթոռը։ Երբ Կ֊ն արդեն տեղավորվել էր, շուրջը նայեց։ Մեծ, բարձր առաստաղով սենյակ էր։ Աղքատների շահերը պաշտպանող փաստաբանի այցելուները այստեղ իրենց պետք է որ ճնշված զգացած լինեին։ Կ֊ին թվաց, թե տեսնում է հզոր գրասեղանին մոտեցող այցելուների վեհերոտ քայլերը։ Հետո նա մոռացավ այդ պատկերն ու ուշադրություն դարձրեց միայն աղախնի վրա, որ կիպ նստել էր կողքին և նրան համարյա սեղմում էր արմնկակալին։ | ||
+ | |||
+ | ― Ես կարծում էի, թե Դուք ինքներդ կգաք, և ես ստիպված չեմ լինի դուրս կանչել Ձեզ։ Տարօրինակ է։ Ներս մտնելիս նախ անդադար նայում էիք, բայց հետո սպասեցնել տվեցիք։ Ի դեպ, ինձ Լեննի անվանեք։― Արագ և անմիջական ավելացրեց նա, կարծես խոսակցության ընթացքում ոչ մի մանրամասն չպետք է բաց թողնվեր։ | ||
+ | |||
+ | ― Հաճույքով,― ասաց Կ֊ն։― Ինչ վերաբերում է տարօրինակ լինելուն, Լեննի, ապա այն կարելի է հեշտ բացատրել։ Նախ, ես պարտավոր էի ականջ դնել ծերուկների շաղակրատանքին և չէի կարող առանց պատճառի դուրս գալ, հետո, ես ոչ թե անպատկառ եմ, այլ, ավելի շուտ՝ երկչոտ։ Դուք էլ, Լեննի, իսկապես, չէր թվում, թե Ձեզ կարելի է միանգամից նվաճել։ | ||
+ | |||
+ | ― Այդպես չէ,― առարկեց Լեննին, ձեռքը դրեց թիկնակին և նայեց Կ֊ին։― Բայց ես Ձեզ դուր չեկա և, հավանբար, հիմա էլ դուր չեմ գալիս։ | ||
+ | |||
+ | ― Դուր գալն այնքան էլ կարևոր չէ,― խուսափելով պատասխանեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Օհո՜,― ժպտաց Լեննին և Կ֊ի նկատողության ու այդ կարճ բացականչության շնորհիվ որոշակի առավելություն ձեռք բերեց։ Դա էր Կ֊ի որոշ ժամանակ լռելու պատճառը։ Քանի որ նա արդեն վարժվել էր մթությանը, կարող էր կահավորման որոշ մանրամասներ տարբերել։ Առանձնապես աչքի էր խփում դռան աջ կողմում կախված մեծ նկարը։ Ավելի լավ զննելու համար նա առաջ խոնարհվեց։ Նկարում դատավորի պարեգոտ հագած մի մարդ էր պատկերված․ նա նստել էր բարձր բազկաթոռին, որի ոսկեզօծ լինելը աչքի էր զարնում նկարից։ Անսովորն այն էր, որ այդ դատավորը ոչ թե հանգիստ ու արժանապատվությամբ էր նստել, այլ ձախ թևը ամուր հենել էր թիկնակին ու ձախակողմյան արմնկակալին, ազատ աջ ձեռքով այնպես էր սեղմել աջակողմյան արմնկակալը, կարծես վճռական որևէ բան հայտնելու կամ դատավճիռ կայացնելու համար հաջորդ իսկ ակնթարթին ուժեղ, թերևս ցասումնալից մի դարձով վեր ցատկել էր ուզում։ Նկարում երևում էին դեղին գորգով ծածկված աստիճանների վերին սանդղամատերը, իսկ մեղադրյալի ներկայությունը կարելի էր աստիճանների ներքնամասում ենթադրել։ | ||
+ | |||
+ | ― Սա իմ դատավորն է երևի։― Կ֊ն մատով ցույց տվեց նկարը։ | ||
+ | |||
+ | ― Ես ճանաչում եմ նրան։― Լեննին նույնպես նայեց նկարին։― Նա հաճախ է այստեղ գալիս։ Նկարը նրա երիտասարդ տարիքում է արված, սակայն նա դույզն իսկ չէր կարող նման լինել նկարին, որովհետև չափից դուրս փոքր է։ Չնայած դրան, նա կարգադրել էր այդպես բարձրահասակ պատկերել նկարում, որոհվետև այստեղ եկող բոլոր մարդկանց նման, կուրության հասնելու աստիճան մեծամիտ է։ Ի դեպ, ես նույնպես մեծամիտ եմ և խիստ դժգոհ եմ, որ բոլորովին դուր չեմ գալիս քեզ։ | ||
+ | |||
+ | Վերջին նկատողությանն ի պատասխան Կ֊ն միայն գրկեց նրան ու իր կողմը ձգեց․ նա գլուխը մեղմ հպեց Կ֊ի ուսին։ | ||
+ | |||
+ | ― Նա ի՞նչ աստիճան ունի,― իմիջիայլոց հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Քննիչ է։― Լեննին բռնեց Կ֊ի ձեռքը, որ իր ուսովն էր գցված և սկսեց մատների հետ խաղալ։ | ||
+ | |||
+ | ― Նորից քննիչ։ Բարձրաստիճան պաշտոնյաները թաքնվում են։ Բայց ախր նա գահավորակի վրա է նստած։ | ||
+ | |||
+ | ― Դրանք հնարովի բաներ են։― Լեննին դեմքը խոնարհեց Կ֊ի ձեռքին։ | ||
+ | |||
+ | ― Իրականում նա նստած է ձիու սթարով ծածկված խոհանոցային աթոռին։ Բայց Դուք, ի՞նչ է, շարունակ Ձեր դատավարության մասի՞ն եք մտածելու,― ծոր տալով հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, իհարկե, ոչ։ Ես հավանաբար շատ քիչ եմ մտածում այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Այդ չէ Ձեր սխալը։ Դուք սարսափելի համառն եք։ Ես այդպես եմ լսել։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է ասել։― Կ֊ն իր կրծքին զգաց նրա մարմինը և նայեց մուգ, փարթամ ու ամուր ոլորված մազերն ի վար։ | ||
+ | |||
+ | ― Շատ բան ասած կլինեմ, թե հայտնեմ դա։ Խնդրում եմ, մի հարցրեք նրա անունը, այլ դադարեցրեք Ձեր սխալները։ Այդքան համառ մի եղեք։ Այս դատավարությունից հնարավոր չէ պաշտապանվել։ Հարկավոր է խոստովանել դա։ Առաջին իսկ առիթի դեպքում խոստովանեք և հետո միայն դուրս պրծնելու հնարավորություն կտրվի։ Խոստովանելուց հետո միայն։ Այնուամենայնիվ, առանց կողմնակի օգնության ոչինչ հնարավոր չէ, իսկ օգնության համար Դուք չպետք է անհանգստանաք․ ես ինքս կուզենամ օգնել Ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Դուք շա՞տ բան եք հասկանում այս դատարանից ու այստեղ անհրաժեշտ մեքենայություններից։― Հարցրեց Կ֊ն և, որովհետև Լեննին շարունակ սեղմվում էր, գիրկն առավ նրան։ | ||
+ | |||
+ | ― Այսպես լավ է։― Շրջազգեստը կարգի բերելով ու վերնաշապիկը ուղղելով, Կ֊ի գրկում հարմար տեղավորվելուց հետո ասաց Լեննին։ Հետո նա երկու ձեռքով կախվեց Կ֊ի պարանոցից, ետ ընկավ ու երկար նայեց։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե չխոստովանեմ, չե՞ք կարողանա օգնել։― Փորձի համար հարցրեց Կ֊ն և համարյա զարմացած մտածեց․ «Ես կանանց եմ հավաքագրում։ Նախ ֆրոյլայն Բյուրստները, հետո դատարանի կատարածուի կինը և, վերջապես, այս փոքրիկ աղախինը, որ կարծես անասկանալի մի պահանջ ունի իմ հանդեպ։ Այնպես է նստել գրկումս, կարծես սա է իրեն հատկացված միակ ճիշտ տեղը»։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։― Լեննին դանդաղ օրորեց գլուխը։― Այդ դեպքում չեմ կարողանա օգնել։ Բայց Դուք, ախր բնավ չեք զգում իմ օգնության կարիքը։ Ձեզ համար օգնությունը կարևոր չէ, Դուք կամակոր եք և թույլ չեք տալիս համոզել Ձեզ։ Դուք սիրուհի ունե՞ք,― հարցրեց նա մի փոքր լռելուց հետ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Չի կարող պատահել։ | ||
+ | |||
+ | ― Իրոք որ։ Պատկերացրեք միայն, ես հրաժարվել եմ նրանից, մինչդեռ լուսանկարը պահում եմ մոտս։― Լեննիի խնդրանքով նա ցույց տվեց Էլզայի լուսանկարներից մեկը։ Կ֊ի գրկում կուչ եկած, նա զննում էր նկարը։ Վայրկյանային լուսանկար էր, նկարել էին պորտապարից հետո․ Էլզան գինետանը հաճույքով էր պարում։ Նրա շրջազգեստը դեռ չէր ուղղվել շարժումից հետո, ձեռքը պիրկ ազդրերին էր հպել և վիզը ձգած, ծիծաղելով կողքի էր նայում։ Նկարից հնարավոր չէր իմանալ, թե ծիծաղն ում էր հասցեագրված։ | ||
+ | |||
+ | ― Մարմինը ուժեղ կապոտել է,― ասաց Լեննին և ցույց տվեց այն տեղը, ուր իր կարծիքով պարզ երևում էր ասածը։― Նա դուր չի գալիս ինձ։ Կոպիտ է ու անշնորհք։ Միգուցե նա բաեհաճ ու քնքուշ է Ձեր հանդեպ։ Դա կարելի է նկարից ենթադրել, նման խոշոր ու ուժեղ աղջիկները, բարեհաճ ու քնքուշ լինելուց բացի, ուրիշ ոչինչ չգիտեն։ Բայց արդյոք նա կկարողանա՞ Ձեզ համար զոհաբերել իրեն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Նա ոչ բաեհաճ է, ոչ քնքուշ և ոչ էլ կկարողանա ինձ համար ինքնազոհության գնալ։ Ոչ էլ ես եմ մինչև այժմ դրանցից որևէ մեկը պահանջել նրանից։ Դրանից բացի, մինչև հիմա ես այդքան մանրամասն չեմ նայել նկարը, ինչպես Դուք։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն նա անքան էլ կարևոր մարդ չէ՞ Ձեզ համար, ուրեմն նա բնավ Ձեր սիրուհին չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես իմ խոսքը ետ չեմ վերցնում։ | ||
+ | |||
+ | ― Թող հիմա Ձեր սիրուհին լինի, բայց Դուք նրա պակասը այնքան էլ չեք զգա, եթե հանկարծ կորցնեք կամ մի ուրիշ կնոջ, օրինակ՝ ինձ հետ փոխանակեք։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, կարելի է նման բան մտածել, բայց նա մեծ առավելություն ունի Ձեր հանդեպ․ նա ընդհանրապես տեղյակ չէ իմ դատական գործին և եթե անգամ ինչ֊որ բան տեղեկանար էլ, այդ մասին չէր մտածի և չէր փորձի համոզել ինձ, կոտրել իմ համառությունը։ | ||
+ | |||
+ | ― Դա բոլորովին էլ առավելություն չէ։ Եթե նա ուրիշ առավելություն չունի, ես չեմ հուսահատվի։ Նա մարմնական որևէ արատ ունի՞։ | ||
+ | |||
+ | ― Մարմնական արա՞տ։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Ես մի փոքր արատ ունեմ։ Տեսեք,― Լեննին իրարից հեռացրեց աջ ձեռքի մատնեմատն ու միջնամատը․ նրանց արանքի կաշին համարյա մինչև ճկույթի վերին հոդն էր հասնում։ Մթության մեջ Կ֊ն իսկույն չնկատեց, թե ինչ է ուզում ցույց տալ աղջիկը, այդ պատճառով Լեննին պարզեց ձեռքը, որ Կ֊ն կարողանար շոշափել։ | ||
+ | |||
+ | ― Բնության ինչպիսի խաղ,― ասաց Կ֊ն և թևն ամբողջությամբ զննելուց հետո ավելացրեց։― Ինչ հիանալի ճանկ է։ | ||
+ | |||
+ | Լեննին որոշակի հպարտությամբ էր հետևում, թե զարմացած Կ֊ն ինչպես բացեց֊փակեց մատները, մինչև որ թեթևակի համբուրեց ու բաց թողեց։ | ||
+ | |||
+ | ― Օհ։― Բացականչեց նա և իսկույն ավելացրեց։― Դուք համբուրեցիք ինձ։ | ||
+ | |||
+ | Բերանը բաց, նա ծնկների վրա փութով բարձրացավ Կ֊ի գիրկը։ Կ֊ն շփոթված նայեց, և այժմ, որովհետև Լեննին այդքան մոտ էր, կարծես պղպեղի գրգռող, դառը բույր տարածվեց նրանից։ Լեննին իրեն սեղմեց Կ֊ի գլուխը, խոնարհվեց նրա վրա, կծեց ու համբուրեց պարանոցը, կծոտեց մազերը։ | ||
+ | |||
+ | ― Դուք նրան արդեն փոխանակեցիք ինձ հետ։― Ժամանակ առ ժամանակ բացականչում էր նա։― Տեսա՞ք, Դուք արեն փոխանակեցիք։ | ||
+ | |||
+ | Նրա ծունկը սոթ տվեց և քիչ մնաց, որ նա կարճ ճիչ արձակելով գլորվեր գորգին։ Կ֊ն գրկեց, փորձեց պահել, բայց Լեննին նրան ներքև քաշեց։ | ||
+ | |||
+ | ― Այժմ դու իմն ես։ | ||
+ | |||
+ | ― Ահա քեզ տան բանալին, երբ ուզում ես, արի։― Լեննիի վերջին խոսքերն էին։ Հեռանալու ժամանակ մի աննպատակ համբույր դրոշմվեց Կ֊ի մեջքին։ | ||
+ | |||
+ | Երբ Կ֊ն դարպասից դուրս եկավ, թեթև անձրև էր մաղում։ Նա ուզեց անցնել փողոցի մեջտեղը, որ գուցե կարողանար պատուհանի մոտ տեսնել Լեննիին։ Այդ պահին տան դիմացը կանգնած մեքենայից (ցրվածության մեջ Կ֊ն չէր նկատել մեքենան) քեռին դուրս պոկվեց, բռնեց նրա թևից և կարծես այնտեղ մեխելու մտադրությամ հրեց դարպասի կողմը։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս կարողացար այդպես վարվել, տղեկ,― բացականչեց նա։― Դու սարսափելի վնաս հասցրիր քո գործին, մինչդեռ այն լավ էր ընթանում։ Այդ չնչին, կեղտոտ արարածի հետ, որ հաստատ փաստաբանի սիրուհին է, մոռացար ամեն ինչ, ժամերով ներս չեկար։ Ոչ մի պատճառ չփնտրեցիր, պարզ ու շիտակ էիր․ վազեցիր նրա մոտ ու մնացիր։ Մինչդեռ մենք խմբովի նստել էինք․ քեռիդ, որ քեզ համար էր չարչարվում, փաստաբանը, որին, քո շահերից ելնելով, պետք էր գրավել և, ամենից առաջ՝ գրասենյակների տնօրենը, այդ մեծատառով պարոնը, ում ձեռքերում է քո գործն այս պահին։ Մենք ուզում էինք խորհրդակցել, թե ինչպե՞ս կարելի էր քեզ օգնել։ Ես պետք է զգուշորեն մշակեի փաստաբանին, նա իր հերթին՝ տնօրենին, իսկ դու, որ բոլոր հիմքերն ունեիր առնվազն ինձ պաշտպանելու համար, հեռացար։ Քո բացակայությունը հնարավոր չէր մինչև վերջ թաքցնել․ նրանք քաղաքավարի, գործիմաց մարդիկ են, չխոսեցին քո հեռանալու մասին, խնայեցին ինձ, բայց քանի որ չէին կարող այլևս հաղթահարել իրենք իրենց և որովհետև չէին կարող խոսել գործի մասին, լռում էին։ Մենք մի քանի րոպե լուռ նստած մնացինք ու ականջ դրեցինք, թե չե՞ս գա վերջապես։ Իզուր։ Ի վերջո տնօրենը ոտքի կանգնեց։ Նա ավելի երկար էր մնացել, քան սկզբում էր մտադիր, հրաժեշտ տվեց, ըստ երևույթին կարեկցեց ինձ, որ չկարողացավ օգնել, հետո, անհասկանալի սիրալիրությամբ, որոշ ժամանակ էլ մնաց դռան մեջ կանգնած ու գնաց։ Ես, իհարկե, ուրախ էի, որ գնաց․ շնչելու օդն արդեն չէր բավականացնում ինձ։ Հիվանդ փաստաբանի վրա այդ ամենն ավելի վատ ազդեց։ Խեղճ մարդը չէր կարողանում խոսել, երբ հրաժեշտ տվեցի նրան։ Դու, հավանաբար, քո նպաստն ունեցար նրա լիակատար ուժասպառության հարցում։ Այդպես արագացնում ես մի մարդու մահը, ում վրա պետք է հույս դնես, իսկ ինձ, քո սիրելի քեռուն, ստիպեցիր ժամերով կանգնել անձրևի տակ ու մտատանջվել։ Հապա ձեռք տուր, լրիվ ջուր եմ դարձել։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Փաստաբանը։ Ֆաբրիկատերը։ Նկարիչը== | ||
+ | |||
+ | Ձմեռային մի առավոտ (դրսում ձյուն էր գալիս, մառախլապատ եղանակ էր) չնայած գործը նոր էր սկսվել, Կ֊ն՝ չափից դուրս հոգնած, նստել էր իր գրասենյակում և ենթակա պաշտոնյաներից զգուշանալու համար ծառային պատվիրել էր նրանցից ոչ մեկին ներս չթողնել, պատճառաբանելով, թե պարոն հավատարմատարը կարևոր գործով է զբաղված։ Սակայն աշխատելու փոխարեն նա բազկաթոռին նստած պտույտ տվեց, դանդաղ փոխեց սեղանին դրված մի քանի առարկաների դիրքը, հետո՝ ինքն էլ չզգալով, առաջ պարզած թևը թողեց սեղանին ու մնաց գլուխը կախ, անշարժ նստած։ | ||
+ | |||
+ | Դատավարության մասին միտքն այլևս չէր լքում նրան։ Նա արդեն բազմիցս մտածել էր, թե արդյոք լավ չէ՞ր լինի, եթե բացատրագիր մշակեր և դատարանին հանձներ։ Նա ցանկանում էր համառոտ շարադրել իր կենսագրությունը և ինչ֊որ չափով կարևոր թվացող յուրաքանչյուր իրադարձության համար բացատրություն տալ, թե ի՞նչ էր այդպես վարվելու պատճառը, արդյոք այդ արարքը՝ այսօրվա պատկերացումներից ելնելով, մերժմա՞ն, թե՞ հավանության էր ենթակա, և ի՞նչ պատճառներ էր կարող բերել այս կամ այն դեպքի կապակցությամբ։ Նման բացատրագրի առավելությունները՝ ընդհանրապես ոչ անբասիր փաստաբանի կազմակերպած պաշտպանության հետ համեմատած, կասկած չէին հարուցում։ Կ֊ն նույնիսկ տեղյակ էլ չէր, թե փաստաբանն ինչ էր ձեռնարկել։ Համենայնդեպս, շատ բան արած չէր լինի, որովհետև արդեն մի ամիս իրեն չէր կանչել, դրանից բացի, նախկին զրույցների ժամանակ ևս Կ֊ն երբեք այն տպավորությունը չէր ունեցել, թե այս մարդը կկարողանա որևէ բանի հասնել։ Նախ, փաստաբանը բնավ չէր հարցաքննում, մինչդեռ հարցնելու շատ բան կար։ Կարևորը հարցնելն էր։ Կ֊ին թվում էր, թե անձամբ կարող է գործի հետ կապված անհրաժեշտ բոլոր հարցերը տալ։ Հարցնելու փոխարեն՝ փաստաբանն ինքն էր պատմություններ անում կամ լուռ նստում էր դեմհանդիման, երևի վատ լսողությունն էր պատճառը, որ փոքր֊ինչ խոնարհվում էր գրասեղանի վրա, մորուքի մազափնջերից մեկն էր քաշքշում և հայացքը գցում էր գորգին․ հավանաբար այնտեղ, ուր Կ֊ն էր Լեննիի հետ պառկել։ Նա երբեմն֊երբեմն դատարկ խրատներ էր տալիս, կարծես դիմացը երեխա էր նստած։ Խրատների պես անպետք ու ձանձրալի էին նաև պատմությունները, և վերջնահաշվի մասին խոսք բացվելիս Կ֊ն դրանց համար ոչ մի գրոշ վճարելու մտադրություն չուներ։ | ||
+ | |||
+ | Փաստաբանը՝ երբ նրան թվում էր, թե բավական ահաբեկել է Կ֊ին, սովորաբար կրկին սկսում էր փոքր֊ինչ քաջալերել։ Նա պատմում էր, թե նման բազմաթիվ գործեր է ունեցել և մասամբ կամ լրիվ շահել է։ Գործեր, որոնք թեև իրականում այս մեկի նման ծանր չեն եղել, սակայն առաջին հայացքից ավելի անհուսալի են թվացել։ Այդ գործերի ցանկը նա գզրոցում է պահում (իր խոսքերի վրա փաստաբանը թխկթխկացնում էր սեղանի գզրոցներից մեկը), արձանագրությունները, ցավոք, չի կարող ցույց տալ, որովհետև խոսքը դատական գաղտնիքների մասին է։ Այնուամենայնիվ, նախկին բոլոր գործերի շնորհիվ ձեռք բերած հարուստ փորձը այժմ ի նպաստ Կ֊ի կլինի։ Ինքն, ինչ խոսք, իսկույն ձեռնամուխ է եղել, և առաջին հայցը համարյա պատրաստ է արդեն։ Դա շատ կարևոր է, որովհետև պաշտպանության թողած առաջին տպավորությունը շատ հաճախ գործի ողջ ընթացքն է պայմանավորում։ Ցավոք (ինքը պարտավոր է այս նրբության վրա հրավիրել Կ֊ի ուշադրությունը), երբեմն այնպես է ստացվում, որ առաջին հայցերը դատարանում չեն կարդացվում բնավ։ Դրանք պարզապես կցվում են գործին և հայտնում, որ մեղադրյալին հարցաքննելը և նրա վարքին հետևելը թղթերի վրա գրվածից շատ ավելի կարևոր է։ Եթե հայցվորը սկսում է շտապել, նրան հայտնում են, որ բոլոր անհրաժեշտ նյութերը հավաքելուց հետո, նախքան որոշումը հրապարակելը, փաստաթղթերը, ինքնին հասկանալի է՝ առաջին հայցը նույնպես, ստուգման են ենթարկվելու։ Ցավոք, շատ հաճախ այսպես էլ չի լինում, որովհետև առաջին հայցը սովորաբար կամ անուշադրության է մատնվում կամ անհետանում է, իսկ եթե նույնիսկ մինչև վերջ պահպանվում էլ է, ապա՝ ինչպես ինքն է տարբեր մարդկանցից տեղեկացել, դրա վրա հազիվ թե ուշադրություն են դարձնում։ Այս ամենը ցավալի է, բայց ոչ հիմքից զուրկ։ Թող Կ֊ն չմոռանա, որ հետաքննությունը հրապարակային չի լինելու։ Եթե դատարանը անհրաժեշտ համարի, կարելի է հրապարակային դարձնել, սակայն օրենքն այս հարցում հասարակության մասնակցությունը նկատի չի ունեցել։ Այդ պատճառով էլ դատական արձանագրությունները՝ ամենից առաջ՝ մեղադրականը, մեղադրյալի և նրա պաշտպանության համար անմատչելի են։ Հետևաբար, մարդ ընդհանրապես տեղյակ չէ կամ առնվազն հաստատ չգիտե, թե ինչի՞ դեմ է գործածելու առաջին հայցը, և այն կարող է սոսկ պատահականության շնորհիվ գործի ընթացքի համար կարևոր որևէ բան պարունակել։ Իրականությանն համապատասխանող և ապացույց պարունակող հայցերը կարելի է արդեն ուշ մշակել, երբ հարցաքննության շնորհիվ մեղադրման առանձին ենթակետերն ու դրանց հիմնավորումը ավելի հստակ երևան կամ ենթադրվեն։ Այս պայմանների առկայության դեպքում պաշտպանությունը, ինչ խոսք, շատ ծանր ու ոչ նպաստավոր դրության մեջ է։ Բայց դա դիտավորյալ է այդպես արված։ Օրենքով պաշտպանություն չի թույլատրվում, իրականում միայն համակերպվում են դրա հետ և շատ հաճախ օրենսդրության համապատասխան հոդվածում համակերպվելու վերաբերյալ նույնիսկ վեճեր են լինում։ Հետևաբար, դատարանի կողմից ճանաչում ստացած ոչ մի դատապաշտպան չի մնում, և դատարանում որպես դատապաշտպան հանդես եկողները իրականում միայն աղմկարարներն են։ Այս հանգամանքը, ինչ խոսք, դատարանից ստացած ընդհանուր տպավորության վրա արժեքազրկող ազդեցություն է թողնում, բայց եթե Կ֊ն հաջորդ անգամ դատարանի գրասենյակները գնա, թեկուզ հենց մի անգամ այնտեղ տիրող վիճակը տեսած լինելու համար, թող փաստաբանների սենյակը մտնի։ Նա հաստատ կսարսափի այնտեղի հասարակությունից։ Տրամադրված նեղ, ցածրիկ սենյակն իսկ ցույց կտա դատարանի՝ նրանց հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքը։ Սենյակը միայն երդիկանման փոքր անցքով է լուսավորվում, իսկ անցքն այնքան բարձր է, որ եթե մարդ դուրս նայել ուզենա (ի դեպ, ով էլ այդպես վարվելու լինի, հենց անցքի դիմացից բարձրացող ծխնելույզի ծուխը քիթը կլցվի և կսևացնի դեմքը), նախ պետք է գորընկներներից մեկի մեջքին բարձրանա։ Այնտեղի վիճակը դիպուկ նկարագրող մի օրինակ ևս բերելու համար ասեմ, որ սենյակի հատակին արդեն տարուց ավելի է մի ծակ կա։ Մեծ չէ, մարդ մեջը չի ընկնի, բայց մի ոտքը հանգիստ կարելի է մտցնել։ Փաստաբանների սենյակը երկրորդ ձեղնահարկում է։ Եթե մեկնումեկի ոտքը ծակն ընկնի, կկախվի առաջին ձեղնահարկի առաստաղից՝ հենց այն միջանցքում, ուր մեղադրյալներն են սպասում։ Շատ բան ասված չի լինի, եթե փաստաբանների միջավայրում վիճակը խայտառակ բառով բնորոշվի։ Ղեկավարությանն ուղղված բողոքները նվազագույն հաջողություն իսկ չունեն, միաժամանակ սենյակում իրենց ծախսերով ինչ֊որ բան փոխել տալը խստագույնս արգելված է փաստաբաններին։ Բայց նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքն էլ իր հիմնավորումն ունի։ Դատարանն ուզում է հնարավորին չափ մեկուսացնել պաշտպանությանը․ ամեն ինչ պետք է մեղադրվող կողմին թողնվի։ Անկեղծ ասած, վատ ցանկություն չէ, և դժվար թե մարդ ավելի կոպիտ սխալ թույլ տա, քան եթե մտածի, թե այդ դատարանում փաստաբանները մեղադրյալների համար անպետք մարդիկ են։ Ընդհակառակը, ուրիշ ոչ մի դատարանում նրանք այդքան անհրաժեշտ չեն, որքան այստեղ։ | ||
+ | |||
+ | Հետաքննության ընթացքն, ընդհանուր առմամբ, ոչ միայն հասարակությունից է թաքցվում, այլ նաև մեղադրյալից։ Իհարկե, եթե պայմանները թույլ են տալիս, իսկ դա միայն լայն մասշտաբներով է հնարավոր։ Ի դեպ, մեղադրյալին չի թույլատրվում դատական արձանագրությունների բովանդակությանը ծանոթանալ, իսկ հարցաքննությունների ընթացքից ելնելով՝ նրանց հիմքում ընկած գործի մասին եզրակացնելը դժվար է հատկապես մեղադրյալի համար, որովհետև նա վեհերոտ է, և հնարավոր բոլոր հոգսերը նրան չեն թողնում կենտրոնանալ։ Պաշտպանությունը հենց այստեղ է ձեռնամուխ լինում։ Սովորաբար դատապաշտպանին չի թույլատրվում հարցաքննության ժամանակ ներկա գտնվել։ Նրանք պետք է հարցաքննությունից հետո, թեկուզ հենց հետաքննության սենյակի դռան մոտ, մեղադրյալին հարցուփորձ անեն, և այդ՝ հաճախ արդեն խամրած տեղեկություններից պաշտպանության համար անհրաժեշտ մանրամասները կորզեն։ Սակայն ամենակարևորը սա չէ, ու թեև գործունյա մարդը միշտ էլ կկարողանա մյուսներից ավելի շատ բան իմանալ, միևնույն է, այս ձևով հնարավոր չէ շատ բան անել։ Առաջին պլան են մղվում դատապաշտպանի անձնական կապերը․ ծանոթության մեջ է պաշտպանության գլխավոր արժեքը։ Կ֊ն հավանաբար արդեն անձնական փորձից գիտե, որ դատարանի ամենաստորին աստիճանակարգն այնքան էլ կատարյալ չէ․ պարտազանց ու հեշտ կաշառվող պաշտոնյաներ ունի, և նրանց պատճառով է խիստ պարփակված, միաձույլ դատարան ունենալու ձգտումը թերի մնում։ Հենց այստեղ են խցկվում փաստաբանների մեծ մասը․ կաշառքներ են տալիս, տեղեկություններ հավաքում, նախկինում նույնիսկ փաստաթղթերի հափշտակման դեպքեր են եղել։ Չի կարելի ժխտել, թե այսպես հնարավոր է մեղադրյալի համար տվյալ պահին անսպասելի, շատ նպաստավոր արդյունքների հասնել։ Դրանից հետո խաժամուժ դատապաշտպանները փքված են շրջում և նոր այցելուներ են գրավում իրենց կողմը, սակայն, ամբողջությամբ վերցրած, գործի ընթացքի համար այդ հաջողությունները կամ ոչ մի, կամ էլ ոչ մի լավ արդյունքների չեն հասցնում։ Միայն անձնական, և այն էլ բարձրաստիճան պաշտոնյաների, այսինքն՝ ենթակա դասի բարձր պաշտոնայաների հետ ունեցած ամուր կապերն են, որ իսկական արժեք ունեն։ Սկզբում թեկուզև աննշան, բայց հենց այդպես կարելի է հետագայում դատավարության ընթացքի վրա ավելի պարզորոշ ազդել։ Սակավաթիվ դատապաշտպաններ միայն կարող են այսպես վարվել, և այդ հարցում Կ֊ի ընտրությունը շատ նպաստավոր է։ Դոկտոր Հուլդից բացի, թերևս մի թե երկու փաստաբան կարող են նման ծանոթություններով աչքի ընկնել։ Իրենք, ինչ խոսք, չեն մտահոգվում փաստաբանների սենյակում հավաքվողների մասին և նրանց հետ անելիք չունեն։ Բայց շատ ավելի նեղ է դատարանի պաշտոնյաների հետ ունեցած կապը։ Միշտ չէ, որ դոկտոր Հուլդին անհրաժեշտ է եղել դատարան գնալ, նախասենյակում քննիչի պատահաբար հայտնվելուն սպասել և, կախված նրա տրամադրությունից, մեծ մասամբ թվացյալ հաջողության հասնել կամ ձեռնունայն մնալ։ Ոչ։ Կ֊ն թերևս ինքն է տեսել, որ պաշտոնյաները (նրանց մեջ նաև բավական ազդեցիկները) իրենք են գալիս, պատրաստակամորեն պարզ կամ գոնե կռահելու հնարավորություն ընձեռնող տեղեկություններ են տալիս, դատավարությունների հեռագա ընթացքն են քննարկում և, ինչո՞ւ ոչ, առանձին դեպքերում թույլ են տալիս համոզել իրենց ու հաճույքով են ընդունում դիմացինի տեսակետը։ Վերջին հարցում նրանց, համենայնդեպս, շատ վստահել չարժե, որովհետև ինչքան էլ պաշտպանության համար նպաստավոր, նոր ծրագիր կազմելիս լինեն, այնուամենայնիվ, գրասենյակ վերադառնալուց հետո հաջորդ օրվա համար այնպիսի մի որոշում են ընդունում, որ լրիվ հակասում է իրենց խոսքերին, և որքան էլ նախօրեին հայտարարած լինեին, թե լրիվ հրաժարվել են առաջվա մտադրությունից, միևնույն է, վճիռը մեղադրյալի համար ավելի խիստ է հնչում։ | ||
+ | |||
+ | Այդտեղ արդեն, իհարկե, ոչինչ հնարավոր չէ, որոհվետև այն, ինչ նրանք առանձին զրուցելու ժամանակ են ասել, առանձին ասված խոսք է մնում, և որքան էլ որ պաշտպանությունը հակված չլինի պարոնների բարեհաճությունը վայելելու, միևնույն է, վճիռը ոչ մի հասարակական քննարկման ենթակա չէ։ Մյուս կողմից, շատ ճիշտ է համենայնդեպս, որ մարդասիրական կամ բարեկամական զգացմունքների պատճառով չէ, որ պարոնները պաշտպանության (իհարկե, միայն բանիմաց դատապաշտպանների) հետ կապ են պաշտպանում․ ինչ֊որ տեղ նրանք այլ ելք չունեն։ Հենց այստեղ է զգացվում գաղտնի դատավարությունն իր գործունեության հիմքում հաստատած դատարանի թերությունը։ Բնակչության հետ ունեցած կապն է պակասում պաշտոնյաներին։ Սովորական կամ միջին դժվարության գործերի համար նրանք լավ են պատրաստված, նման դատավարությունները համարյա միշտ հանգիստ, իրենց հունով են ընթանում, միայն ժամանակ առ ժամանակ են որևէ խթանի կարիք զգում, իսկ ինչ վերաբերում է հասարակ ու առանձնապես դժվար դեպքերին՝ պարոնները մեծ մասամբ անօգնական են, որոհվետև օր ու գիշեր օրենքների մեջ խցկված՝ ոչ մի ճիշտ պատկերացում չունեն մարդկային հարաբերությունների մասին և հենց այդտեղ են զգում դրա պակասությունը։ Հետո նրանք խորհրդակցելու համար փաստաբանի մոտ են գալիս, իսկ ծառաներից մեկը բերում է շարունակ գաղտնի պահված արձանագրությունները։ Այս պատուհանի մոտ այնպիսի պաշտոնյաներ են կանգնել, որ հնարավոր չէ պատկերացնել։ Ու մինչ նրանք անմխիթար տեսքով դուրս են նայել, ինքը՝ մի լավ խորհուրդ տալու համար, նրանք արձանագրություններն է ուսումնասիրել։ Ի դեպ, միայն նման դեպքերում կարելի է տեսնել, թե պարոններն ինչպիսի լրջությամբ են վերաբերվում իրենց գործին և ինչպես են հուսահատության գիրկն ընկնում այն արգելքների պատճառով, որ սեփական բնավորությունը թույլ չի տալիս հաղթահարել։ Ընդհանրապես նրանց վիճակը հեշտ չէ, և կարիք չկա անարդարացի լինել՝ հակառակ կարծիք կազմելով։ Աստիճանակարգումը և աստիճանների բարձրացումը դատարանում վերջ չունեն, նույնիսկ դատարանի հետ առնչվողները դրա վերջը չեն տեսնում։ Դատական ատյաններում հետաքննությունն ընդհանրապես ենթակա պաշտոնյաներից էլ է գաղտնի պահվում։ Նրանք չեն կարողանում հետագա ընթացքի մեջ հետամուտ լինել իրենց իսկ վարած գործերին։ Այսպիսով, դատական գործը նրանց տեսադաշտում հայտնվում է որոշակի վիճակում, և նրանք հաճախ չեն իմանում, թե որտեղի՞ց է սկսվում այն և ինչպե՞ս է զարգանում։ Հետևաբար, դատավարության առանձին շրջանների, վերջնական որոշումների և պատճառների ուսումնասիրությունից որոշ բաներ սովորելու հնարավորությունը այս պաշտոնայներին տրված չէ։ Նրանք կարող են միայն դատավարության՝ օրենքով նախատեսված հատվածով զբաղվել և իրենց սեփական աշխատանքի արդյուքների մասին մեծ մասամբ ավելի քիչ են տեղյակ լինում, քան որպես կանոն մինչև վերջ մեղադրվող կողմի հետ կապի մեջ մնացող պաշտպանության ներկայացուցիչները։ Այստեղ էլ որոշ արժեքավոր բաներ նրանք կարող են իմանալ միայն պաշտպանությունից։ Այս ամենին տեղյակ լինելով հանդերձ, Կ֊ն դեռ զարմանում է պաշտոնյաների՝ երբեմն մեղադրվող կողմի հետ վիրավորական տոնով խոսելիս դրսևորվող (դա բոլորն են զգում) գրգռվածության վրա։ Բոլոր պաշտոնյաներն էլ, եթե անգամ արտաքին հանգստությունը պահպանում են, նյարդային են։ Փոքր փաստաբանները դրանից, իհարկե, ավելի շատ են տուժում։ Օրինակ, նման մի բան են պատմում, որ շատ ճշմարտանման է։ Մի ծեր պաշտոնյա՝ բարի ու լռակյաց մի պարոն, օր ու գիշեր անընդհատ ուսումնասիրում է փաստաբանի ներկայացրած խնդրագրերի պատճառով էլ ավելի խճճված մի ծանր գործ։ Դատարանի պաշտոնյաներն իրականում ջանասեր են, ինչպես ուրիշ ոչ ոք։ Առավոտյան կողմ արդեն՝ հավանաբար ոչ շատ արդյունավետ, քսանչորսժամյա աշխատանքից հետո, նա դարան է մտնում մուտքի դռան մոտ և ներս մտնել ցանկացող բոլոր փաստաբաններին աստիճաններից ներքև է շպրտում։ Փաստաբանները հավաքվում են ներքևի սանդղահարթակին և մտածում, թե ինչ անեն․ մի կողմից նրանք չեն կարող առարկել, որ իրենց ներս չեն թողնում (օրենքով դժվար կարողանային այդ ծերունու դեմ որևէ բան ձեռնարկել և, ինչպես ասվեց, պետք է զգուշանային մնացած պաշտոնյաներին էլ իրենց դեմ լարելուց), մյուս կողմից, սակայն, դատարանում չանցկացրած ամեն մի օրը նրանց համար կորած էր, այնպես էր նորս մտնելն անհրաժեշտ էր։ Ի վերջո, նրանք միաբան որոշում են ծերունուն չարչարել։ Փաստաբանները հերթով, մեկ֊մեկ վերև են վազում և, ոչ այնքան եռանդուն դիմադրությունից հետո, թույլ են տալիս, որ ծերունին իրենց ներքև նետի, ուր գործընկներները բռնում են ընկնողին։ Խաղը մոտ մի ժամ է տևում, հետո առանց այն էլ գիշերվա անքուն աշխատանքից հոգնած պաշտոնյան ուժասպառվում է և գնում իր գրասենյակը։ Ներքևում կանգնածները նախ չեն հավատում, մեկին ուղարկում են, որ ստուգի՝ արդյոք այնտեղ մարդ չկա՞, և հետո նոր ներս են մտնում՝ չհամարձակվելով նույնիսկ ձայն հանել։ | ||
+ | |||
+ | Փաստաբանները (թեկուզ ամենափոքրը, որ գոնե մասամբ կարող է հասկանալ այնտեղի կարգը) բավական հեռու են դատարանում որևէ բարեփոխում մտցնելու և իրականացնելու ցանկությունից, մինչդեռ յուրաքանչյուր մեղադրյալ, նույնիսկ խելացի մարդիկ (ի դեպ, սա հատկանշական է), դատավարության առաջին օրից սկսած բարեկարգող առաջարկների մասին են մտածում և վատնում են իրենց ուժն ու ժամանակը, թեև կարող էին դրանք ավելի լավ օգտագործել։ Միակ ճիշտ քայլը տիրող պայմանների հետ հաշտվելն է։ Եթե մի անգամ հնարավոր էլ լինի մանր֊մունր հարցերում ինչ֊որ բանի հասնել (սա անմտություն է), լավագույն դեպքում, սոսկ հետագա գործերի համար, մարդ մի բանի հասած կլինի, մինչդեռ դրանով անչափ կվնասի իրեն, որովհետև ավելի կգրավի վրեժխնդիր ու հիշաչար դարձող պաշտոնյաների ուշադրությունը։ Միայն թե ուշադրություն չգրավել, որքան էլ հակառակվելու ցանկությունը մեծ լինի, հանգիստ մնալ է պետք, հսկայական օրգանիզմը շարունակ հավասարակշռված վիճակում է, ու եթե մարդ իր տեղում ինքնագլուխ կերպով ինչ֊որ բան փոխի, հենց իրեն կզրկի հենարանից և կարող է ներքև գլորվել, մինչդեռ ինքնուրույն, փոքր խանգարման համար դատարանը մի ուրիշ հատկվածից փոխարինող կճարի (ախր ամեն ինչ փոխկապակցված է) և անփոփոխ կմնա, եթե իհարկե մի բան էլ (շատ հնարավոր է) ավելի պարփակված, խիստ զգոն ու չար չդառնա։ | ||
+ | |||
+ | Խանգարելու փոխարեն ավելի լավ է աշխատանքը փաստաբանին թողնել։ Նախատիքներն իզուր են, հատկապես երբ հնարավոր չէ դրանց պատճառներն իրենց ողջ էությամբ հասկանալի դրաձնել, մինչդեռ հարկ է նշել, թե գրասենյակների տնօրենի հանդեպ ցուցաբերած վարքով Կ֊ն ինչքան վնասեց գործին։ Այդ ազդեցիկ մարդուն ընդհանրապես կարելի է հանել դատարանի այն պաշտոնայաների ցուցակից, որոնց մոտ հնարավոր էր ինչ֊որ բանի հասնել։ Դատավարության մասին թռուցիկ հիշատակումներն անգամ նա բացահայտ դիտավորությամբ անուշադրության է մատնում։ Որոշ հարցերում պաշտոնայաներն իսկապես երեխայավարի են պահում իրենց։ Հաճախ նույնիսկ ամենաանմեղ արարքը (Կ֊ի արածը, ցավոք, դրանց շարքին չի դասվում) կարող է այնպես վիրավորել նրանց, որ դադարում են նույնիսկ ամենամոտ ընկորների հետ խոսել, հանդիպելիս երես են թեքում և հնարավոր ամեն ինչում հակառակն են անում։ Հետո բավական է մի անգամ անհիմն պատճառով անսպասելի ծիծաղեն (նրանք համարձակվում են ծիծաղել, կատակում են սոսկ, որովհետև ցանկացած այլ միջոց արդեն անօգուտ է թվում), իսկույն մոռանում են եղածը։ Նրանց հետ գործ ունենալը և հեշտ է, և դժվար, ոչ մի սկզբում գոյություն չունի։ Երբեմն զարմանալ կարելի է․ միջին տևողության մի կյանքը բավականացնում է շատ բան անելու համար, կարելի է նույնիսկ որոշակի հաջողության հասնել։ Հետո մռայլ ժամեր, համենայնդեպս, լինում են, և մարդ մտածում է (համարյա բոլորի հետ լինում է), մարդ մտածում է, թե ոչ մի արդյունքի չի հասել, թվում է, թե այն գործերն են բարեհաջող ավարտ ունեցել, որոնց համար հենց սկզբից լավ ելք է նախանշված եղել, և եթե մարդ ոչինչ էլ չձեռնարկեր, միևնույն է, դրանց վերջը լավ կլինի, այն ժամանակ, երբ մնացած բոլոր գործերը՝ չնայած վազվզոցներին, ուրախություն պատճառած փոքր, թվացյալ հաջողություններին, տանուլ էին տվել։ Դրանից հետո ոչ մի բանի հանդեպ հավատ չի մնում և մարդ չի համարձակվում հերքել այն կարծիքը, թե ըստ էության լավ ընթացող գործը հենց միջամտության պատճառով է ծուռ գնացել։ Սա էլ է յուրովի ինքնավստահություն, սակայն գործից հետո մնացած միակ բանն է։ Փաստաբանները նման նոպաներ (դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ նոպաներ) ունենում են, երբ բավական առաջ տարված, հաջող ընթացող մի գործ ձեռքերից հանկարծ վերցնում են։ Ամենավատ բանն է, որ կարող է կատարվել դատապաշտպանի հետ։ Մեղադրյալը չէ վերցնողը․ նման բան ոչ ոք չի անի։ Կոնկրետ որևէ դատապաշտպան ընտրած մեղադրյալը, ինչ ուզում է լինի, չպետք է փաստաբանից հեռանա։ Ինչպե՞ս կկարողանա նա՝ երբևէ ուրիշի օգնությանը դիմած լինելուց հետո, իր գլխի ճարը տեսնել։ Այդպես, ուրեմն, չի լինում, բայց երբեմն դատն այնպիսի ընթացք է ընդունում, որ դատապաշտպանն այլևս իրավունք չի ունենում գործին հետևել։ Նա պարզապես եռացվում է գործից, մեղադրյալից, մի խոսքով՝ ամեն ինչից, և այդ պահից սկսած պաշտոնյաների հետ ունեցած ամենալավ կապերն անգամ չեն օգնի, քանզի ծանոթներն ևս ոչինչ չեն իմանում։ Դատավարություն այնպիսի բնույթ է ընդունում, որ ոչ մի օգնություն հնարավոր չէ․ անձեռնհաս գերագույն ատյաններն են վարում գործը, և դատապաշտպանը մեղադրյալի դեմքը այլևս չի տեսնում։ Հետո, մի գեղեցիկ օր, մարդ տուն է գալիս և այն բոլոր հայցերը, որ ուժերը ներդնելով և վարդագույն հույսեր փայփայելով գրել էր գործի կապակցությամբ, տեսնում է սեղանին դրված։ Դրանք վերադարձվել են, որովհետև անարժեք քրջեր են և գործի նոր էտապում այլևս չի կարելի օգտագործել։ Միաժամանակ, դատը չպետք է ոչ մի դեպքում տանուլ տրվի․ հոռետեսական ենթադրության համար ոչ մի հիմք չի կարող լինել։ Պարզպաես այլևս ոչ ոք ոչ մի տեղեկություն չի ունենում գործից և հետագայում էլ չի ունենա։ Նման դեպքերը, բարեբախտաբար, բացառություններ են։ Եթե անգամ Կ֊ի գործին ևս նույն բախտը վիճակվի, ապա գոնե առայժմ նման բնույթ ընդունելուց այն շատ, շատ է հեռու։ Այստեղ դատապաշտպանի աշխատելու համար դեռևս բավական հնարավորություն կա, և Կ֊ն պետք է վստահ լինի, որ դա լիովին կօգտագործվի։ Ինչպես ասվեց, խնդրագիրը դեռ ուղարկված չէ, սակայն դա այնքան էլ հրատապ գործ չէ։ Ազդեցիկ պաշտոնյաների հետ ունեցած նախնական քննարկումներն ավելի կարևոր են, իսկ դրանք արդեն տեղի են ունեցել։ Պետք է խոստովանել, որ հաջողությունները փոփոխական են։ Ավելի լավ կլինի առայժմ մանրամասները չհրապարակել։ Դրանք կարող են տհաճություն պատճառել Կ֊ին․ չափից դուրս կհուսադրեն կամ կվախեցնեն։ Կ֊ն թող իմանա միայն, որ մի քանիսը լավ են արտահայտվել, բարեհաճ են և մեծ հաճույքով են ցանկացել օգնել, մինչդեռ մյուսները պակաս բարեկամաբար տրամադրված լինելով, չեն հրաժարվել օգնություն ցույց տալ։ Ամբողջապես վերցրած, արդյունքն ուրախացնող է, սակայն չի կարելի դրանից ինչ֊որ առանձնահատուկ եզրակացությունների հանգել, որովհետև նախնական քննություններն ընդհանարպես են ունենում նման սկիզբ, և միայն դեպքերի հետագա ընթացքն է դրանց իսկական արժեքը ցույց տալիս։ Համենայնդեպս, առայժմ ոչինչ կորսված չէ և, չնայած ամեն ինչին, եթե մի բան էլ հաջողվի շահել գրասենյակների տնօրենի բարեհաճությունը (այդ ուղղությամբ որոշ բաներ արվել են արդեն), ապա, ինչպես վիրաբույժներն են ասում, վերքը մաքուր է, և կարելի է հանգիստ սպասել, թե ինչ կլինի։ | ||
+ | |||
+ | Փաստաբանը այս և նման խոսքերի անսպառ պաշարներ ուներ։ Ամեն մի նոր այցելության ժամանակ դրանք կրկնվում էին։ Ամեն անգամ առաջընթաց քայլեր կային, սակայն երբեք չէր կարելի առաջընթացները հրապարակել, ամեն անգամ նա առաջին խնդրագիրը կազմելու վրա էր աշխատում, բայց դեռ պատրաստ չէր, և հաջորդ այցելության ժամանակ դա մատուցվում էր որպես մեծ առավելություն, որովհետև վերջին ժամանակները շատ աննպաստ էին խնդրագրերը հանձնելու համար, իսկ դա հնարավոր չէր կանխատեսել։ Նման ճառերից լրիվ հոգնած Կ֊ն երբեմն նկատում էր, որ, անկախ բոլոր դժվարություններն հաշվի առնելուց, գործն, իրոք, դանդաղ է առաջ գնում, իսկ դոկտոր Հուլդը առարկում էր, թե բնավ դանդաղ չի ընթանում և բավական առաջ գնացած կլիներ, եթե Կ֊ն ժամանակին դիմեր փաստաբանին։ Նա ձեռքից բաց էր թողել այդ հնարավորությունը, իսկ դա հետագայում՝ և ոչ միայն ժամանակավորպես, իր վատ հետևանքները դեռ ցույց կտար։ | ||
+ | |||
+ | Փաստաբանի մոտ լինելիս բավականություն պատճառող միակ ընդմիջումը Լեննին էր։ Նա կարողանում էր գործն այնպես դասավորել, որ Կ֊ի ներկայությամբ էր թեյ մատուցում։ Հետո նա կանգնում էր Կ֊ի թիկունքում, ձևացնում էր, թե հետևում է փաստաբանի շարժումներին՝ ինչպես էր նա մի տեսակ ագահությամբ գավաթի վրա հակված թեյ լցնում և խմում, մինչդեռ ծածուկ թույլ էր տալիս, որ Կ֊ն բռնի իր ձեռքը։ Կատարյալ լռություն էր տիրում․ փաստաբանը թեյն էր խմում, Կ֊ն սեղմում էր Լեննիի ձեռքը, իսկ Լեննին երբեմն֊երբեմն համարձակվում էր քնքշորեն շոյել Կ֊ի մազերը։ | ||
+ | |||
+ | ― Դեռ այստե՞ղ ես։― Թեյը խմելուց հետո հարցնում էր փաստաբանը։ | ||
+ | |||
+ | ― Ուզում էի սպասքն հավաքել։― Նրանք վերջին անգամ իրար ձեռք էին սեղմում, փաստաբանը սրբում էր շուրթերը և սկսում նոր եռանդով քարոզ կարդալ։ | ||
+ | |||
+ | Փաստաբանի նպատակը սփոփե՞լն էր, թե՞ հիասթափության հասցնելը։ Կ֊ն չգիտեր, սակայն եկավ այն հաստատ եզրակացության, որ պաշտպանությունը հուսալի ձեռքերում չէ։ Փաստաբանի՝ սեփական անձը հնարավորին չափ առաջին պլան մղելու ձգտումը երևում էր պարզ։ Նա հավանաբար դեռ երբեք նման խոշոր գործ՝ ինչպես իր կարծիքով Կ֊ինն էր, չէր վարել։ Թող նրա պատմածները ճիշտ լինեն, սակայն պաշտոնայների հետ ունեցած անձնական կապերի անընդհատ ընդգծումը կասկած էր հարուցում։ Արդյո՞ք դրանք բացառապես ի շահ Կ֊ի կօգտագործվեին։ Փաստաբանը երբեք չէր մոռանում նկատել, որ խոսքը միայն ենթակա պաշտոնյաների մասին էր, այսինքն՝ մեծ կախում ունեցող խաշտոնյաների, որոնց առաջընթացի համար գործերի որոշակի շրջադարձերը հավանաբար կարող էին մեծ նշանակություն ունենալ։ Երևի նրանք փաստաբանին այդ նպատակով էին օգտագործում, որ նման, իհարկե մեղարդյալի համար ոչ ձեռնտու, փոփոխությունների հասնեին։ Գուցե ոչ բոլոր գործերի ժամանակ էին այդպես վարվում (դա հնարավոր չէր), դատավարություններ կային, որոնց ժամանակ փաստաբանին՝ մատուցած ծառայությունների համար զիջումներ անում էին․ երևի դատապաշտպանի հեղինակությունը բարձր պահելը նրանց համար էլ էր կարևոր։ Բայց եթե դա այդպես էր, ինչպես կվարվեին նրանք Կ֊ի դատավարության ժամանակ, որն, համաձայն դոկտոր Հուլդի խոստովանության, շատ դժվար, կարևոր գործ էր և դեռ սկզբում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Նրանց հետագա անելիքները հասկանալու համար այնքան էլ շատ մտածելու անհրաժեշտություն չկար։ Այդպիսի ենթադրության հավաստիության համար որպես ապացույց կարող էր ծառայել այն, որ, չնայած գործը մի քանի ամիս արդեն ընթացքի մեջ էր, առաջին խնդրագիրը դեռ չէր ներկայացվել և, ինչպես փաստաբանն էր ասում, դեռ վերջնական տեսքի չէր բերվել։ Նման ձևով շատ հեշտ կարելի էր մեղադրյալին հանգստացնել և անօգնական վիճակի մեջ պահել։ Հետո, վերջնական դատավճռով կամ նման մի ծանուցմամբ, թե իբր հետաքննության՝ մեղադրյալի համար ոչ ձեռնտու արդյունքները ավելի բարձր մերմինների ննարկմանն են հանձնված, նրան հանկարծակիի կբերեին։ Կ֊ի անմիջական միջամտությունն անպայման անհրաժեշտ էր։ Հենց սարսափելի հոգնած զգալու օրերին էր (ինչպես ձմեռային այդ օրն էր, երբ ակամա վերհիշեց անցած֊գնացածը) նա համոզվում միջամտության անհրաժեշտության մեջ։ Դատավարության հանդեպ նախկինում ունեցած արհամարանքն այլևս անտանելի էր։ Եթե նա մենակ լիներ, ինչ գործ էլ որ հարուցելու լինեին, հանգիստ կանտեսեր, եթե նույնիսկ վստահ էլ լիներ, որ գործը հետո չէր հարուցվի, բայց քեռին նրան արդեն տարել էր փաստաբանի մոտ, պետք է ընտանիքի մնացած անդամների կարծիքների հետ ևս հաշվի նստեր։ Ինքն անձամբ մի քանի ծանոթների մոտ անզգուշորեն, անբացատրելի բավականությամբ խոսել էր դատավարության մասին, մյուսները հասկանալի չէ, թե ինչպես էին տեղեկացել։ Ֆրոյլայն Բյուրստների հետ հարաբերությունները կարծես թե տատանվում էր դատավարության ընթացքին համապատասխան․ կարճ ասած, նա այնքան էլ անկախ չէր դատավարությունից և դատավարությունն ընդունելու կամ մերժելու ընտրություն այլևս չուներ․ խրվել էր, պետք է պաշտպանվեր։ Եթե հոգնած էր, ավելի վատ իր համար։ | ||
+ | |||
+ | Սակայն հոգսը չափազանցելու համար առայժմ ոչ մի պատճառ չկար։ Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում նա կարողացել էր բանկում հասնել բարձր պաշտոնի և, բոլորի կողմից ճանաչում գտնելով, պահպանել իր դիրքը։ Այժմ պետք էր առաջընթացը հնարավոր դարձած այդ ունակությունը մի փոքր շրջել դատավարության կողմը, և կասկած լինել չէր կարող, որ վերջը լավ կլիներ։ Եթե ուզում էր որևէ բանի հասնել, հենց սկզբից անհրաժեշտ էր նախօրոք վանել հանցանքի մասին հնարավոր ամեն մի միտք։ Ոչ մի հանցանք։ Դատավարությունը ոչ այլ ինչ էր, քան մի խոշոր գործարք, մեկն այն ձեռնտու գործարքներից, որ նա ինքն էր բանկի համար բազմիցս կնքել, մի գործարք, որի հետ կապված տարբեր վտանգներ կային, որոնցից, սակայն, պետք էր պաշտպանվել։ Համենայնդեպս, թեկուզ հենց այդ պատճառով չէր կարելի խաղալ ինչ֊որ հարցում մեղավոր լինելու զգացման հետ․ հնարավորին չափ ամուր էր պետք կառչել սեփական առավելության մասին ունեցած մտքից։ Այդ տեսակետից ելնելով՝ փաստաբանի ձեռքից պաշտպանությունը վերցնելը անխուսափելի էր, և դա պետք էր անել շատ շուտ, ավելի լավ է հենց այս երեկոյան։ Թեև ըստ նրա պատմությունների, մի չլսված և հավանաբար շատ վիրավորական բան ստացվեր, բայց Կ֊ն չէր կարող թույլ տալ, որ դատավարության համար անձամբ իր գործադրած ջանքերը որևէ արգելքների հանդիպեին, և դրանց պատճառը, հնարավոր է, հենց իր դատապաշտպանը լիներ։ Եթե փաստաբանից ազատվեր, անմիջապես խնդիրագիր կներկայացներ, աստծո ամեն օրը կպահանջեր, որ գործին ուշադրություն դարձնեին։ Այդ նպատակի համար, ինչ խոսք, բավական չէր լինի, որ Կ֊ն մյուսների նման նստեր միջանցքում, գլխարկը դներ նստարանի տակ ու սպասեր։ Ինքն անձամբ, կանայք կամ ուրիշ հանձնակատարաներ ամեն օր կվազեին ծառայողների մոտ և կստիպեին սենյակների ճաղերի արանքից միջանցք նայելու փոխարեն նստել սեղանների մոտ և ուսումնասիրել Կ֊ի ներկայացրած խնդրագրերը։ Այդ ջանքերը չպետք է թուլացվեին, ամեն ինչ կազմակերպել և հսկել էր պետք․ դատարանը գոնե մի անգամ կհանդիպեր իր իրավունքները պաշտպանել կարողացող մեղադրյալի։ | ||
+ | |||
+ | Կ֊ն որքան էլ համոզված էր, թե իր ծրագրերը կիրականացնի, միևնույն է խնդրագրի շարադրման դժվարությունը ճնշող էր։ Նախկինում (հենց մի շաբաթ առաջ) նա թերևս ամոթախառն զգացումով մտածեր, թե երբևէ ստիպված կլինի անձամբ զբաղվել նման մի խնդրագիր կազմելով, իսկ որ, ի լրումն այդ ամենի, գործը կարող էր դժվար լինել, չէր պատկերացնում բնավ։ Նա հիշեց, թե ինչպես մի օր, չնայած աշխատանքով ծանրաբեռնված լինելուն, հանկարծ ամեն ինչ մի կողմ հրեց ու խնդրագրի շարադրանքի հաջորդականությունը կազմելու, հետո այն դանդաղաշարժ փաստաբանի տրամադրության տակ դնելու մտադրությամբ հանեց նոթատետրը, և ինչպես նույն պահին բացվեց ղեկավարության դուռն ու տնօրենի տեղակալը բարձրաձայն ծիծաղելով ներս մտավ։ Թեև տնօրենի տեղակալի ծիծաղի պատճառն, ինչ խոսք, խնդրագիրը չէ, այլ քիչ առաջ լսած բորսային կատակը, բայց այն ժամանակ Կ֊ն շատ անհարմար վիճակի մեջ ընկավ։ Կատակը հասկանալու համար գծագիր էր հարկավոր, և տնօրենի տեղակալը՝ գրասեղանին խոնարհվելով, Կ֊ի ձեռքից վերցրեց մատիտը և խնդրագրի համար նախատեսված նոթատետրի էջին քաշեց գծերը։ | ||
+ | |||
+ | Այսօր արդեն ամոթի ոչ մի զգացում գոյություն չուներ․ խնդրագիրը պետք է կազմվեր։ Եթե գրասենյակում դրա համար ոչ մի րոպե ժամանակ չգտներ (որ շատ հավանական էր), ապա պետք է աշխատեր տանը, գիշերվա ժամերին։ Եթե գիշերներն էլ չբավականացնեին, ստիպված կլիներ արձակուրդ վերցնել։ Միայն թե ճանապարհի կեսին չլռվեր֊մնար․ դա ոչ միայն գործարքներ կնքելուց, այլ միշտ և ամենուր ամենաանիմաստ բանն էր։ Խնդրագիրը կազմելը հավանաբար անվերջ֊անվախճան աշխատանք էր։ Կարիք չկար այդքան շատ վախենալ, սակայն հեշտուհանգիստ կարելի էր համոզվել, որ խնդրագիրը երբևէ ավարտելն անհնար էր։ Այդ փաստաթղթի պատրաստման ժամանակ փաստաբանին երևի միայն ծուլությունը կամ խարդախությունը խանգարեին, մինչդեռ Կ֊ն անտեղյակ էր մեղադրանքին ու դրա հնարավոր հետևանքներին և պետք է ողջ կյանքը, ընդհուպ մինչև ամենաննշան դեպքերն ու իրադարձությունները վերհիշեր, պատկերացներ ու բոլոր կողմերից քններ։ Եվ ի՜նչ ձանձրալի աշխատանք էր դա։ Միգուցե այդ գործը բնորոշ լիներ թոշակի անցնելուց հետո մանկամիտ դարձած ծերունուն․ նրան երկար օրերը մթնեցնելու համար զբաղմունք էր պետք։ Իսկ Կ֊ն այժմ պետք է սկսեր խնդրագիրը կազմելու աշխատանքը, այժմ, երբ բոլոր ուժերը պետք է կենտրոնացներ աշխատանքի համար, երբ յուրաքանչյուր ժամը սլանում էր անասելի արագությամբ, երբ ինքը դեռ վերելք էր ապրում և տնօրենի տեղակալի համար արդեն վտանգ էր ներկայացնում, երբ ուզում էր պատանու նման վայելել կարճատև երեկոներն ու գիշերները։ Նա մտովի նորից անդրադարձավ հայցին ու, այդ վիճակից դուրս գալու համար, համարյա ակամա սեղմեց նախասենյակի զանգի կոճակը։ Սեղմելիս նայեց ժամացույցին․ տասնմեկն էր։ Երկու երկար ու թանկարժեք ժամ երազներով էր տարվել, և անշուշտ, առաջվանից ավելի թույլ ու հոգնած էր։ Այնուամենայնիվ, ժամանակը վատնված չէր․ նա այնպիսի եզրակացությունների էր հանգել, որոնք կարող էին արժեքավոր լինել։ | ||
+ | |||
+ | Տարբեր թղթերից բացի, ծառաները ներս բերեցին նաև արդեն երկար ժամանակ Կ֊ին սպասող երկու պարոնների այցետոմսերը։ Նրանք բանկի համար շատ կարևոր անձնավորություններ էին և ոչ մի դեպքում չէր կարելի սպասեցնել տալ։ Նրանք ինչո՞ւ էին այդքան անպատեհ ժամի եկել, և ինչո՞ւ էր ջանասեր Կ֊ն (թվաց, թե փակ դռան հետևում այդ հարցը տվեցին պարոնները) առավոտվա ամենալավ ժամերը անձնական գործերին տրամադրում։ Նախորդած դեպքերից հոգնած և հոգնած հաջորդներին սպասելով՝ Կ֊ն առաջին այցելուին ընդունելու համար ոտքի կանգնեց։ | ||
+ | |||
+ | Ներս մտնողը փոքրամարմին, անշխույժ պարոն էր, ֆաբրիկատեր։ Կ֊ն նրան լավ էր ճանաչում։ Նա ներողություն խնդրեց Կ֊ին կարևոր աշխատանքից կտրելու համար, Կ֊ն իր հերթին՝ ֆաբրիկատիրոջը երկար սպասեցնելու։ Արդեն ներողությունն իսկ Կ֊ն այնպես մեքենայորեն և սխալ շեշտադրությամբ հայտնեց, որ ֆաբրիակտերը, եթե ամբողջովին կլանված չլիներ գործին վերաբրեող հարցերով, հաստատ կնկատեր։ Փոխարենը նա բոլոր գրպաններից փութով հանեց հաշվարկներն ու ցուցակները, փռեց Կ֊ի գրասեղանին, տարբեր տեսակետներ բացատրեց, ուղղեց փոքր սխալը, որ նկատեց նույնիսկ թռուցիկ հայացք նետելով, հիշեցրեց համարյա մի տարի առաջ իրար հետ կնքած նմանատիպ գործարքի մասին, իմիջիայլոց ակնարկեց, թե այս անգամ մի ուրիշ բանկ էր ուզում մեծ զիջումների գնով ձեռք գցել գործարքը, և վերջապես ձայնը կտրեց, որպեսզի այժմ արդեն Կ֊ի կարծիքն իմանար։ Կ֊ն սկզբում ուշադիր հետևում էր ֆաբրիկատիրոջ խոսքերին, կարևոր գործարքի մասին միտքը նրան էլ համակեց, սակայն, ավա՜ղ, ոչ մինչև վերջ։ Շուտով նա դադարեց ունկնդրել, հետո որոշ ժամանակ ֆաբրիկատիրոջ բարձրաձայն խոսքերին ի պատասխան գլխով արեց և վերջում դադարեց նույնիսկ գլխով անել․ թղթերի վրա կռացած ճաղատին էր նայում և ինքնիրեն հարցնում, թե այս մարդը վերջապես ե՞րբ կհասկանա, որ իր խոսելն ամբողջությամբ վերցրած իզուր է։ Երբ նա լռեց, Կ֊ն սկզբում իսկապես մտածեց, թե դադարը խոստովանելու և հնարավորություն տալու համար է․ ինքն անկարող է լսել։ Բոլոր հակաճառումներին բացահայտորեն պատրաստ ֆաբրիկատիրոջ լարված դիմագծերը տեսնելով, Կ֊ն ափսոսանքով նկատեց, որ գործնական խոսակցությունը շարունակվելու է։ Նա կարծես հրաման լսելիս լիներ․ գլուխը կախ էր գցել ու մատիտը դանդաղ այսուայնկողմ էր տանում թղթերի վրա, երբեմն֊երբեմն դադարեցնում էր զբաղմունքը և աչքերը հառում թվերից մեկին։ Ֆաբրիկատերը առարկության էր սպասում․ գուցե թվերը իսկապե՞ս հավաստի չէին, գուցե թվե՞րը չէին կարևորը։ Համենայնդեպս նա ձեռքով ծածկեց թղթերը և կիպ մոտենալով Կ֊ին, նորից սկսեց գործարքի ընդհանուր նկարագրությունը։ | ||
+ | |||
+ | ― Դժվար է,― ասաց Կ֊ն, ծռեց շուրթերը, և որովհետև թղթերը՝ միակ մատչելի բանը, ծածկված էին, բազկաթոռի արմնակալի վրա խոնարհվեց։ Երբ դուռը բացվեց, նա միայն թռուցիկ հայացքով նայեց վեր և այնտեղ՝ ինչպես թանզիֆե վարագույրի հետևից, աղոտ տեսավ տնօրենի տեղակալին։ Կ֊ն այլևս ոչ մի բանի մասին չէր մտածում, միայն հետևում էր տնօրենի տեղակալի հայտնվելու անմիջական ազդեցությանը։ Դա նրան շատ զվարճալի թվաց, որովհետև ֆաբրիկատերը իսկույն վեր թռավ բազկաթոռից ու տեղակալին ընդառաջ շտապեց։ Ինչ մնում էր Կ֊ին, նա կուզենար ֆաբրիկատիրոջը տասնապատիկ ավելի արագաշարժ դարձնել, որովհետև վախենում էր, թե տեղակալը կարող էր նորից անհետանալ։ Սակայն վախն ավելորդ էր։ Պարոնները տեսան իրար, մեկմեկու պարզեցին ձեռքերը և միասին մոտեցան գրասեղանին։ Ֆաբրիկատերը գանգատվեց, թե հավատարմատարը քիչ է շահագրգռված գործարքով և ցույց տվեց տնօրենի տեղակալի հայացքի տակ կրկին թղթերի վրա խոնարհված Կ֊ի կողմը։ Հետո, երբ երկուսով հենվեցին գրասեղանին, և ֆաբրիկատերն այժմ սկսեց տնօրենի տեղակալին իր կողմը տրամադրել, Կ֊ին թվաց, թե գլխավերևում (նրանց մեծությունը նա չափազանցված էր պատկերացնում) հենց իր մասին են խոսում։ Նա զգուշորեն վեր հառած աչքերով փորձեց իմանալ, թե ինչ է կատարվում գլխավերևում և առանց նայելու՝ գրասեղանից վերցնելով ձեռքն ընկած թղթերից մեկը, դրեց բաց ափի մեջ ու ձեռքը պարոններին պարզած, դանդաղ վեր բարձրացավ։ Այդ պահին նա որոշակի ոչինչ չէր մտածում։ Թուղթը վեր պարզելիս նրան թվում էր, որ եթե վիճակը վերջնականապես թեթևացնող մեծածավալ խնդրագիրը ավարտած լինի, ապա հենց այդպես կվարվի։ Համակ ուշադրութոյւն դարձած ֆաբրիկատիրոջն հետևող տնօրենի տեղակալը թռուցիկ հայացք գցեց թղթին, աչքի չանցկացրեց, թե ինչ է գրված այնտեղ, որովհետև ինչ կարևոր էր թվում հավատարմատարին, նրա կարծիքով անկարևոր էր։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալություն, ես արդե՛ն ամեն ինչին տեղյակ եմ։― Ասաց նա, Կ֊ի ձեռքից վերցնելով թուղթը և հանգիստ դրեց սեղանին։ Կ֊ն դառնացած հայացքով կողքանց նայեց նրան, սակայն տնօրենի տեղակալը բնավ չնկատեց այդ հայացքը կամ եթե նկատեց էլ, ապա ավելի աշխուժացավ, սկսեց ավելի հաճախ բարձրաձայն ծիծաղել, հնարամիտ առարկությամբ ակնհայտորեն շփոթեցրեց ֆաբրիկատիրոջը, սակայն ինքնիրեն առարկելով, նրան իսկույն հանեց անհարմար վիճակից և վերջում առաջարկեց իր գրասենյակն անցնել, ուր կարող էին վերջացնել գործարքը։ | ||
+ | |||
+ | ― Շատ կարևոր գործ է,― ասց նա ֆաբրիկատիրոջը։― Ես հասկանում եմ դրա ողջ կարևորությունը, իսկ պարոն հավատարմատարի համար, ինչ խոսք, շատ ավելի լավ կլինի, եթե նրանից վերցնենք սա։― Անգամ այս խոսքերն արտասանելիս նա բացառապես ֆաբրիատիրոջ հետ էր խոսում։― Գործը հանգիստ կշռադատել է պահանջում, մինչդեռ նա, թվում է, շատ է ծանրաբեռնված այսօր, և հետո, մի քանի հոգի արդեն երկար ժամանակ նրան են սպասում։ | ||
+ | |||
+ | Կ֊ն դեռ տիրապետում էր ինքնիրեն, որ շրջվեր տնօրենի տեղակալից և մտերմիկ, քարացած ժպիտըմիայն ֆաբրիկատիրոջը դարձներ, սակայն նա բնավ չմիջամտեց, այլ կառավարակետին երկու ձեռքով հենցված գործերի կառավարչի նման փոքր֊ինչ առաջ թեքված հետևեց, թե ինչպես երկու պարոնները զրույցը շարունակելով, սեղանի վրայից հավաքեցին թղթերը և անեհտացան ղեկավարության սենյակում։ Դռան մեջ ֆաբրիկատերը շրջվեց, հայտնեց, որ դեռևս հրաժեշտ չի տալիս, քննարկման արդյունքերի մասին կտեղեկացնի պարոն Կ֊ին և, բացի այդ, դեռ նրան հայտնելու մի փոքր բան ունի։ | ||
+ | |||
+ | Վերջապես Կ֊ն մենակ էր։ Նա բնավ մտադիր չէր հաջորդ այցելուին ընդունել, և աղոտ կերպով նրա գիտակցությանն հասավ այն միտքը, թե ինչքան հաճելի էր, երբ դրսում նստած մարդիկ մտածում էին, թե ինքը շարունակ ֆաբրիկատիրոջ հետ է խորհրդակցում և այդ պատճառով ոչ ոք, նույնիսկ ծառան, ներս չէր մտնում։ Նա մոտեցավ պատուհանին, նստեց գոգին, ամուր կառչեց բռնակից ու նայեց դուրս՝ հրապարակին։ Ձյունը չէր դադարում, առաջվա պես մառախուղ էր։ | ||
+ | |||
+ | Նա՝ առանց իմանալու, թե իսկապես ի՞նչն էր տանջում իրեն, երկար նստեց այդպես։ Միայն ժամանակ առ ժամանակ ուսի վրայով վախվորած նայում էր նախասենյակի դռան կողմը, որովհետև թվում էր, թե աղմուկ է լսում։ Բայց ոչ ոք ներս չմտավ, նա հանգստացավ, մոտեցավ լվացարանին, սառը ջրով լվացվեց և, ավելի թարմացած՝ վերադարձավ պատուհանագոգի իր տեղը։ Պաշտպանությունը սեփական ձեռքը վերցնելու որոշումը նրան ավելի ծանր թվաց, քան սկզբում էր ենթադրել։ Ինքը, քանի դեռ պաշտպանությունը փաստաբանին էր թողել, դատավարության հետ, ընդհանրապես վերցրած, քիչ էր առնչվում, միայն հեռվից էր դիտում և հազիվ թե հասանելի լիներ նրա համար․ երբ ուզենար, կարող էր ստուգել, թե ինչպես է ընթանում գործը, սակայն ցանկացած պահին կարող էր նաև ետ քաշվել։ Այժմ՝ հակառակը։ Եթե ուզում էր անձամբ վարել պաշտպանությունը, ստիպված էր թեկուզ տվյալ պահին՝ ամբողջոովին ենթարկվել դատարանին։ Պաշտպանության հաջողությունը հետագայում լիակատար և վերջնական ազատության կվերածվեր, սակայն դրան հասնելու համար նա հիմա պետք է ավելի մեծ վտանգի ենթարկվեր, քան մինչև այժմ։ Եթե փորձեր կասկածել, ապա ֆաբրիկատիրոջ և տնօրենի տեղակալի միախմբելու այսօրվա փաստը հակառակ համոզմանը հանգեցնելու համար բավական էր։ Բայց ինչպե՞ս էր ինքնիրեն պաշտպանելու խեղճուկրակ որոշմամբ համակված հանգիստ նստել։ Ի՞նչ էր լինելու հետագայում։ Ա՛յ թե օրեր էին սպասում իրեն։ Արդյո՞ք կկարողանա՞ր գտնել բոլոր դժվարությունների միջով լավ ավարտի հանգեցնող ճանապարհը։ Արդյոք բարեխիղճ պաշտպանությունը (բարեխղճորեն չնախապատրաստվելը անմտություն էր), արդյոք արդյոք բարեխիղճ պաշտպանությունը շրջապատող ամեն ինչից հնարավորին չափ մեկուսանալու անհրաժեշտություն չէ՞ր նշանակում։ Կհաջողվե՞ր հաղթահարել։ Իսկ ի՞նչ պետք է աներ բանկում, դրա իրականացման համար։ Խոսքը միայն խնդրագրի մասին չէր․ դրա պատրաստման համար արձակուրդը, թերևս, բավականացներ։ Պետք էր խոստովանել, որ հենց այս պահին արձակուրդ խնդրելը մեծ համարձակության հետ էր կապված, որովհետև խոսքը դատավարության մասին էր, իսկ դրա տևողությունը հնարավոր չէր կանխատեսել։ Այ թե խոչընդոտի հանդիպեց Կ֊ն՝ ծառայողական աստիճանով վեր բարձրանալիս։ Եվ ա՞յս պահին դեռ պետք է բանկի համար աշխատեր։ Նա հայացքը գրասեղանի կողմը դարձրեց։ Ա՞յժմ պետք է այցելուներ ընդուներ ու բանակցեր հետները։ Երբ առաջ էր ընթանում իր դեմ հարուցած գործը, երբ ձեղնահարկում նստած պաշտոնյաները գործի հետ կապված արձանագրություններ էին աչքի անցկացնում, ինքը պետք է զբաղվեր բանկի գործարքներո՞վ։ Արդյոք դատարանի կողմից հավանության արժանացած տանջանք չէ՞ր սա, որ սերտորեն կապված էր դատավարության հետ և ուղեկցում էր դրան։ Եվ արդյո՞ք բանկում կատարած աշխատանքը քննարկելու ժամանակ այս արտասովոր վիճակը հաշվի կառնեին։ Ո՛չ ոք և երբե՛ք։ Թեև այնքան էլ պարզ չէր, թե ո՞վ և որքանո՞վ էր տեղյակ դատավարությունից, սակայն Կ֊ի գործը այլևս գաղտնիք չէր։ Այդ փսփսոցները հավանաբար դեռ չէին հասել տնօրենի տեղակալին, հակառակ դեպքում կարելի կլիներ պարզ տեսնել, թե ինչպես է նա՝ առանց հաշվի առնելու, որ իրենք գործընկերն են, իրեն հասած լուրերը անմարդկային կերպով օգտագործում Կ֊ի նկատմամբ և, եթե գործի էությանը տեղյակ լիներ, հնարավոր է վիճակը թեթևացնելու համար ձեռքից եկած որոշ բաներ աներ։ Սակայն երևում էր, որ նա ոչինչ չգիտեր, առավել ևս, որ այժմ ավելի շատ տեղակալի ազդեցության տակ էր (Կ֊ի մինչև այսօր հանդես բերած հակազդեցությունը սկսել էր թուլանալ), իսկ վերջինս տնօրենի հիվանդագին վիճակը օգտագործում էր սեփական դիրքերի ամրապնդման համար։ Ի՞նչ հույս կարող էր ունենալ Կ֊ն։ Գուցե նման մտքերը թուլացնում էին դրա դիմադրելու ուժը, բայց ախր մոլորության մեջ էլ պետք չէր ընկնել, և հարկավոր էր ամեն ինչ հնարավորինս չափ պարզ պատկերացնել։ | ||
+ | |||
+ | Առանց որևէ հիմնավոր պատճառի, առայժմ գրասեղանի մոտ չվերադառնալու համար, նա բացեց պատուհանը։ Դա նրան դժվարությամբ հաջողվեց․ պետք էր երկու ձեռքով պտտեցնել բռնակը։ Պատուհանի ողջ լայնքով ու երկայնքով մեկ ծխախառն մառախուղը թափանցեց սենյակ ու այրվածքի թեթև հոտով լցրեց։ Ձյան մի քանի փաթիլներ ներս թռան։ | ||
+ | |||
+ | ― Զզվելի աշուն է։― Կ֊ի թիկունքում լսվեց ֆաբրիկատիրոջ ձայնը։ Տնօրենի տեղակալի մոտից դուրս գալով, նա աննկատ մտել էր այստեղ։ Կ֊ն գլխով արեց և անհանգիստ նայեց ֆաբրիկատիրոջ պայուսակին, որից նա հիմա հավանաբար թղթեր հաներ և սկսեր պատմել ունեցած խոսակցության արդյունքների մասին։ Ֆաբրիկատերը բռնացրեց Կ֊ի հայացքը, տկտկացրեց պայուսակին և առանց բացելու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ուզում եք իմանալ՝ ինչպե՞ս վերջացավ։ Գործարքը համարյա պատրաստ վիճակում գրպանումս է։ Հիանալի մարդ է ձեր տնօրենի տեղակալը, բայց չէի ասի, թե անվտանգ։― Նա ծիծաղեց, թափ տվեց Կ֊ի ձեռքը և ուզեց նրան էլ ծիծաղեցնել։ Սակայն այժմ Կ֊ն սկսեց կասկածել, թե ինչո՞ւ ֆաբրիկատերը չուզեց ցույց տալ թղթերը և դիմացինի խոսքերում ծիծաղելի ոչինչ չգտավ։ | ||
+ | |||
+ | ― Պարոն հավատարմատար, գուցե եղանակը վա՞տ է ազդում Ձեզ վրա։ Դուք այսօր ընկճված տեսք ունեք։ | ||
+ | |||
+ | ― Այո,― պատասխանեց Կ֊ն և ձեռքը տարավ դեպի քունքը։― Գլխացավ, ընտանեկան հոգսեր։ | ||
+ | |||
+ | ― Շատ ճիշտ է,― ասաց ֆաբրիկատերը։ Նա աճապարող բնավորություն ուներ և սովոր չէր որևէ մեկին հանգիստ լսել։― Ամեն մարդ ինքը պետք է իր խաչը տանի։― Կ֊ն ակամայից մի քայլ առաջ գնաց, կարծես ուզում էր դուրս ուղեկցել ֆաբրիկատիրոջը, սակայն վերջինս ասաց․― պարոն հավատարմատար, ես մի բան էի ուզում հայտնել։ Վախենում եմ, որ հենց այսօր գուցե ավելի ծանրաբեռնեմ Ձեզ, բայց արդեն երկու անգամ եղել եմ բանկում և ամեն անգամ մոռացել եմ ասել։ Իսկ եթե այսօր էլ հետաձգեմ, ասելիքս երևի լրիվ կորցնի իմաստը, մինչդեռ շատ ափսոս կլիներ, որովհետև այնքան էլ անարժեք չէ։ | ||
+ | |||
+ | Մինչ Կ֊ն պատասխանելու ժամանակ կգտներ, ֆաբրիկատերն ավելի մոտեցավ, մատով տկտկացրեց նրա կրծքին ու ցածր ձայնով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դատարանում Ձեր դեմ գործ կա, այնպես չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Տնօրենի տեղակա՞լը հայտնեց Ձեզ։― Ընկրկելով բացականչեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք ասում, նա որտեղի՞ց պետք է իմանար։ | ||
+ | |||
+ | ― Իսկ Դո՞ւք։― Արդեն ավելի զուսպ հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Դատարանից ես որոշ բաներ իմանում եմ մեկ֊մեկ։ Հենց այդ մասին էի ուզում խոսել Ձեզ հետ։ | ||
+ | |||
+ | ― Դատարանի հետ ինչքան շատ մարդ կա առնչվող։― Գլխիկոր խոսեց Կ֊ն և գրասեղանի կողմն ուղեկցեց ֆաբրիկատիրոջը։ Նրանք առաջվա պես դեմդիմաց նստեցին։ | ||
+ | |||
+ | ― Ցավոք, շատ բան չեմ կարող հայտնել,― ասաց ֆաբրիկատերը։― Սակայն նման հարցերում մարդ ամենաաննշան բանն անգամ չպետք է աչքաթող անի։ Դրանից բացի, ինչքան էլ իմ օգնությունը համեստ լինի, ուզում եմ Ձեզ ինչ֊որ կերպ օգնած լինել։ Մենք, ախր, առօրյա լավ ենք համագործակցել իրար հետ, այնպես չէ՞։― Կ֊ն ուզեց ներողություն խնդրել այսօրվա ընդունելության ժամանակ ցույց տված վերաբերմունքի համար, բայց ֆաբրիկատերը թույլ չտվեց ընդհատել և, ցանկանալով հասկացնել, որ շտապում է, պայուսակը ավելի բարձր խցկեց թևի տակ ու շարունակեց։― Ձեր գործի մասին ես ոմն Տիտորելլիից եմ իմացել։ Նա նկարիչ է։ Տիտորելլին նրա ծածկանունն է, իսկական անունը չեմ կարող ասել։ Արդեն քանի տարի է, երբեմն֊երբեմն գալիս է իմ գրասենյակը և հետը նկարներ է բերում։ Փոքր նկարներ են, որոնց համար (նա մուրացկանի հավասար մարդ է) ողորմության պես բան եմ տալիս նրան։ Դրանք, ի դեպ, արտակարգ նկարներ են․ մարգագետիններ և նման բաներ։ Մեր առևտուրը հարթ ընթանում էր իր համար, երկուսս էլ ընտելացել էինք։ Մի անգամ, սակայն, նրա այցելությունները չափազանց հաճախակի դարձան, ես նախատեցի նրան, խոսքի բռնվեցինք, հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս է կարողանում միայն նկարներով գոյությունը պահպանել, և, ի զարմանս ինձ, իմացա, որ նրա եկամուտների հիմնական աղբյուրը դիմանկարչությունն է։ Նա ասաց, որ դատարանի համար է աշխատում։ Ի՞նչ դատարան, հարցրեցի ես։ Եվ նա պատմեց։ Դուք երևի ավելի լավ կարողանաք պատկերացնել, թե ինչքան էի զարմացած այդ պատմությունից։ Դրանից հետո նրա յուրաքանչյուր այցելության ժամանակ որևէ նորություն իմանում եմ դատարանի մասին և դրանով իսկ որոշակի պատկերացում կազմում։ Տիտորելլին, համենայնդեպս, զավզակ բնավորություն ունի, և հաճախ է հարկ լինում պաշտպանվել նրանից ոչ միայն, որովհետև նա, իհարկե, նախ ստում է, այլ ամենից առաջ այն պատճառով, որ ինձ նման գործարար մարդը, որ ուժասպառ է լինում գործարքների պատճառած հոգսերից, այնքան էլ շատ չի կարող ուրիշ բաներով հետաքրքրվել։ Դա իմիջիայլով։ Այժմ ես մտածեցի, որ Տիտորելլին գուցե կարողանա փոքր֊ինչ օգտակար լինել Ձեզ։ Նա շատ դատավորների է ճանաչում և եթե նույնիսկ մեծ ազդեցություն էլ չունենա, ապա կարող է խորհուրդներ տալ, թե ինչպես գտնեք ուրիշ ազդեցիկ մարդկանց։ Իսկ եթե խորհուրդներն իրենցից էական ոչինչ չներկայացնեն, ապա, իմ կարծիքով, դրանք Ձեր ձեռքի տակ մեծ նշանակություն կունենան։ Դուք ախր համարյա փաստաբան եք։ Ես սովորություն ունեմ ասելու՝ հավատարմատար Կ֊ն փաստաբանի հավասար մարդ է։ Օ, Ձեր դատավարաությունը բնավ չի անհանգստացնում ինձ։ Կգնա՞ք Տիտորելլիի մոտ։ Իմ երաշխավորույթյամբ նա, անկասկած, հնարավոր ամեն ինչ կանի։ Ես կարծում եմ, որ Դուք, իրոք, պետք է գնաք նրա մոտ։ Դա, իհարկե, կարող եք ոչ այսօր անել։ Մի օր, հենց այնպես, պատահաբար։ Համենայնդեպս, ուզում եմ ասել, որ իմ խորհուրդը չպետք է պարտավորեցնի Ձեզ։ Ոչ։ Եթե կարծում եք, թե կարող եք առանց Տիտորելլիի յոլա գնալ, ինչ խոսք, ավելի լավ կլինի նրան մի կողմ թողնել։ Երևի Դուք որևէ կոնկրետ ծրագի՞ր ունեք և Տիտորելլին կարող է խանգարե՞լ։ Ոչ, այդ դեպքում բնավ մի դիմեք նրան։ Նման մի մարդու խորհուրդներն հանդուրժելու համար, անշուշտ, ուժերի լարում է պետք։ Այսինքն, ինչպես գիտեք։ Ահա երաշխավորագիրը և հասցեն։ | ||
+ | |||
+ | Կ֊ն հուսախաբ վերցրեց նամակը և խցկեց գրպանը։ Նույնիսկ լավագույն դեպքում երաշխավորագրի ենթադրվող առավելությունը անհամեմատ ավելի փոքր էր պատճառած վնասներից․ ֆաբրիկատերը տեղյակ էր դատավարությանը, իսկ նկարիչը կտարածեր լուրը։ Նա հազիվ կարողացավ ստիպել իրեն մի քանի բառով շնորհակալություն հայտնել դեպի դուռը գնացող ֆաբրիկատիրոջը։ | ||
+ | |||
+ | ― Կամ կգնամ,― դռան մոտ հրաժեշտ տալով ասաց նա,― կամ որովհետև շատ եմ զբաղված, կգրեմ, թող մի անգամ ինձ մոտ՝ գրասենյակ անցնի։ | ||
+ | |||
+ | ― Գիտեի, որ լավագույն ելքին կդիմեք, բայցևայնպես, կարծում եմ, ավելի լավ կլինի Տիտորելլիի նման մարդկանց դատական գործի մասին խոսելու համար բանկ հրավիրելուց խուսափեք։ Եվ հետո, այդպիսի մարդկանց ձեռքը նամակ տալը ոչ միշտ է ձեռնտու։ Սակայն, Դուք, իհարկե, ամեն ինչ կշռադատել եք և լավ գիտեք, թե ինչպես է պետք վարվել։― Կ֊ն գլխով արեց և ֆաբրիկատիրոջը նախասենյակով էլ ուղեկցեց։ Նա, չնայած արտաքին անվրդով տեսքին, ինքն իրենից շատ էր վախեցած․ որ Տիտորելլիին նամակ կգրի, ինչ խոսք, միայն ֆաբրիկատիրոջ խորհուրդը գնահատած լինելու համար ասաց և ուզեց ցույց տալ, որ անմիջապես կմտածի Տիտորելլիի հետ կապվելու հնարավորության մասին, բայց եթե նկարչի օժանդակությունը իսկապես պետքական համարեր, ապա երբեք չէր տատանվի գրել նրան։ Դրան հաջորդելիք վտանգները նա միայն ֆաբրիկատիրոջ խոսքերից հետո նկատեց։ Իրո՞ք արդեն սեփական խելքին այդքան քիչ էր կարող վստահել։ Եթե կարող էր նման մի կասկածելի մարդու պարզ֊պարզ շարադրված նամակով բանկ հրավիրել և նրանից խորհուրդներ աղերսել, այն ժամանակ, երբ ընդամենը մի դուռ էր բաժանում իրեն տնօրենի տեղակալից, արդյոք հնարավոր և նույնիսկ շատ հավանական չէ՞ր, որ անտեսում էր մյուս վտանգները կամ ինքն էր անձամբ իրեն վտանգի ենթարկում։ Զգուշացնելու համար ոչ միշտ էր որևէ մեկը կողքին կանգնած։ Եվ հենց հիմա՞ պետք է սեփական զգոնության վերաբերյալ մինչև այժմ անծանոթ կասկածներ երևան գային, երբ ինքը ուզում էր հանդես գալ ուժերն ի մի բերած։ Արդյոք գրասենյակային աշխատանքի ժամանակ զգացած դժվարությունները դատավարությամբ զբաղվելիս է՞լ ի հայտ կգային։ Այժմ նա, համենայնդեպս, չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ ուզեց նամակ գրել Տիտորելլիին և բանկ հրավիրել։ | ||
+ | |||
+ | Կ֊ն դեռ զարմացած տարուբերում էր գլուխը, երբ ծառան մոտեցավ և նախասենյակում նստած երեք պարոնների վրա հրավիրեց ուշադրությունը․ նրանք արդեն բավական երկար ժամանակ է սպասում էին։ Երբ Կ֊ն ծառայի հետ էր խոսում, նրանք ոտքի կանգնեցին, և ամեն մեկն ուզում էր մյուսներից շուտ օգտագործել Կ֊ին մոտենալու հնարավորությունը։ Քանի որ բանկի աշխատանկիցները այցելուներին անուշադրության մատնելով ստիպում էին սպասասրահում ժամանակ կորցնել, նրանք որոշեցին ներողամիտ չլինել։ | ||
+ | |||
+ | ― Պարոն հավատարմատար։― Խոսեց նրանցից մեկը, բայց Կ֊ն ծառային արդեն պատվիրել էր վերարկուն բերել և երբ նրա օգնությամբ հագնում էր, դիմեց բոլոր երեքին․ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, պարոնայք, սակայն այս պահին ձեզ ընդունելու համար ոչ մի րոպե ժամանակ չունեմ։ Ներողություն եմ խնդրում, անհետաձգելի գործեր ունեմ և ստիպված եմ անմիջապես հեռանալ։ Դուք, ախր, ինքներդ տեսաք, թե ինչքան ժամանակ կորցրեցի։ Բարի եղեք գալ վաղը կամ ուրիշ ցանկացած օր։ Գուցե հեռախոսո՞վ խոսենք գործի մասին կամ երևի կարճ հայտնեք բանն ի՞նչ է, և ես գրավոր մանրամասն պատասխան տամ ձեզ։ Համենայնդեպս, լավ կլիներ ուրիշ անգամ գայիք։― Կ֊ի առաջարկները այնպիսի շփոթության մեջ գցեցին երեք պարոններին, որ նրանք, հասկանալով, որ լրիվ իզուր են այդքան սպասել, լուռ նայեցին իրար երեսի։ | ||
+ | |||
+ | ― Դե, ուրեմն համամի՞տ եք ինձ հետ։― Գլխարկը բերելու գնացած ծառայի կողմը շրջված, հարցրեց Կ֊ն։ Առանձնասենյակի բաց դռան միջով երևում էր, թե դրսում ձյան տեղատարափը ինչպես էր ուժեղացել։ Այդ տեսնելով, Կ֊ն բարձրացրեց վերարկուի օձիքը և կոճկեց պարանոցի կոճակները։ Նույն պահին կողքի սենյակից դուրս եկավ տնօրենի տեղակալը, ժպտալով նայեց երարկուն հագին պարոնների հետ բանակցող Կ֊ին և հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Պարոն հավատարմատար, Դուք գնո՞ւմ եք։ | ||
+ | |||
+ | ― Այո,― ուղղվելով ասաց Կ֊ն։― Մի գործի կապակցությամբ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ պարոննե՞րը։― Սպասասրահում նստածների կողքը շրջվելով, հարցրեց տնօրենի տեղակալը։― Կարծեմ նրանք բավական երկար են սպասել։ | ||
+ | |||
+ | ― Մենք արդեն համաձայնության ենք եկել։ | ||
+ | |||
+ | Սակայն պարոններն արդեն չսպասեցին։ Նրանք շրջապատեցին Կ֊ին և հայտարարեցին, որ եթե իրենց գործերը կարևոր չլինեին, հենց այժմ առաձին խոսելու, քննարկելու ենթակա չլինեին, իրենց այդքան երկար չէին սպասի։ Տնօրենի տեղակալը լսեց նրանց, նայեց ձեռքում պահած գլխարկի վրայից փոշին տեղ֊տեղ սրբող Կ֊ին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Պարոնայք, մի պարզ ու հասարակ ելք կա։ Եթե կարողանամ գոհացնել ձեզ, ապա պարոն հավատարմատարի փոխարեն հաճույքով կստանձնեմ ձեզ լսելու պարտականությունը։ Ձեր գործերն, անշուշտ, անմիջապես պետք է քննարկվեն։ Մենք էլ ձեզ նման՝ գործի մարդիկ ենք և գիտեք ճիշտ գնահատել ժամանակը։ Ներս համեցեք։― Նա բացեց իր գրասենյակի սպասասրահը տանող դուռը։ | ||
+ | |||
+ | Տնօրենի տեղակալը լավ էր կարողանում ստանձնել այն ամենը, ինչ այժմ Կ֊ն էր թողնում անհրաժեշտությունից դրդված։ Սակայն արդյոք նա անհրաժեշտ եղածից շատ չէ՞ր բաց թողնում։ Երբ անորոշ և, ինչպես ինքը պետք է խոստովաներ, աննշան հույսերով վազում էր անծանոթ նկարչի մոտ, բանկում իր հեղինակությանը անբուժելի հարված հասավ։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ կրկին հաներ վերարկուն և ստիպված առաջին այցելուի դուրս գալուն սպասող երկու պարոններին գոնե նորից իր կողմը գրավեր։ Կ֊ն երևի այդպես էլ վարվեր, եթե նույն պահին իր սենյակում չտեսներ գրադարակների մոտ կանգնած ու ինչ֊որ բան փնտրող (կարծես սեփական առանձնասենյակում լիներ) տնօրենի տեղակալին։ Երբ Կ֊ն հուզված տեսքով մտեցավ դռանը, նա շուռ եկավ ու կանչեց․ | ||
+ | |||
+ | ― Ախ, Դուք դեռ չե՞ք գնացել։― Նրա դեմքի ձգված մկանները կարծես ոչ թե տարիքի, այլ ուժի ապացույց լինեին։― Պայմանագրի պատճեններն են հարկավոր։ Ֆիրմայի ներկայացուցիչը պնդում է, թե Ձեզ մոտ պետք է լինեն։ Չէի՞ք օգնի ինձ։― Փնտրտուքը վերսկսելով ասաց նա։ Կ֊ն մի քայլ արեց։― Շնորհակալություն, արդեն գտա,― ասաց տնօրենի տեղակալը և, փաստաղթերի հաստ թղթապանակը ձեռքին, վերադարձավ իր սենյակը։ Այնտեղ պայմանագրից բացի հաստատ ուրիշ փաստաթղթեր էլ կային։ | ||
+ | |||
+ | «Առայժմ չեմ կարող հետը խոսել։― Մտածեց Կ֊ն։― Թող դեռ իմ անձնական գործերի դժվարությունները հաղթահարվեն, նա իսկապես առաջին մարդը կլինի, որ կզգա այդ բանը, և շատ դառը կզգա»։ Այդ մտքից որոշ չափով հանգստացած՝ Կ֊ն միջանցքի դուռը վաղուց բաց պահած ծառային պատվիրեց առիթի դեպքում զեկուցել տնօրենին, որ ինքը գործով տեղ է գնացել և, երկար ժամանակով իր գործով զբաղվելու հնարավորություն ունենալու մտքից կիսով չափ ուրախացավ՝ դուրս եկավ բանկից ու անմիջապես մեկնեց նկարչի մոտ։ | ||
+ | |||
+ | Նկարիչն ապրում էր դատարանային գրասենյակների արվարձանի հակադիր ծայրամասում։ Տեղանքն այդտեղ ավելի աղքատ էր, տներն՝ ավելի մութ, փողոցները լի էին հալչող ձյան մակերևույթին այսուայնտեղ թափթփված աղբով։ Նրա բնակված շենքի մեծ դարպասի միայն մի թևն էր բաց, մյուս թևի վրա՝ պատի մեջ, անցք էր բացված, և երբ Կ֊ն մոտեցավ, գոլորշի արձակող դեղնավուն, զզվելի հեղուկ հոսեց, որից վախեցած մի քանի առնետներ փախան֊մտան խողովակը։ Աստիճանների ներքևի մասում՝ գետնին, փորնիվար պառկած մի փոքր երեխա էր լաց լինում, սակայն դարպասի մյուս կողմի մուտքում գտնվող թիթեղագործի արհեստանոցի՝ ամեն մի ուրիշ ձայն խլացնող աղմուկը թույլ չէր տալիս լսել նրա լացը։ Արհեստանոցի դուռը բաց էր, երեք աշակերտները կիսաշրջան կազմած կանգնել էին պատրաստվող մասի մոտ և խփում էին թակերով։ Պատից կախված սպիտակ թիթեղի մեծ թերթը գունատ լույս էր արձակում, որ թափանցում էր երկու օգնականների արանքից և լուսավորում էր նրանց դեմքերը ու գոգնոցները։ Դրանք միայն Կ֊ի թռուցիկ հայացքին արժանացան։ Նա ուզում էր հնարավորին չափ արագ վերջացնել այստեղի գործը, նկարչից սոսկ մի քանի բան հարցուփորձ անել և անմիջապես վերադառնալ բանկ։ Եթե այստեղ թեկուզ աննշան իսկ հաջողություն ունենար, ապա բանկի այսօրվա աշխատանքի վրա դա լավ ազդեցություն կունենար։ Չորրորդ հարկում նա ստիպված էր քայլերը փոքրացնել, որովհետև շունչը լրիվ կտրվել էր, աստիճանները՝ հարկաբաժինները ևս, անսովոր բարձր էին, իսկ նկարիչը երևի ամենավերևում, ձեղնահարկի սենյակներից մեկում էր ապրում։ Օդն էլ էր հեղձուչից․ ոչ մի սանդղահարթակ չկար, նեղ աստիճանը աջ ու ձախ կողմերից սեղմված էր պատերի մեջ, ուր այսուայնտեղ՝ ամենավերևում, միայն մի քանի նեղ պատուհաններ էին երևում։ Կ֊ն հենց այն ժամանակ կանգ առավ, երբ բնակարաններից մեկից մի քանի փոքրիկ աղջիկներ դուրս վազեցին և ծիծաղելով, շտապեցին աստիճաններն ի վեր։ Կ֊ն դանդաղ հետևեց նրանց, հասավ մեկին, որ սայթաքել էր ու մյուսներից ետ մնացել, և կողք֊կողքի վեր բարձրանալու ժամանակ հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Այստեղ Տիտորելլի ազգանունով նկարիչ բնակվո՞ւմ է։ | ||
+ | |||
+ | Հազիվ տասներեքամյա, փոքր֊ինչ սապատավոր աղջնակն այդ խոսքի վրա արմունկով հրեց նրան ու կողքանց նայեց․ ո՛չ տարիքը, ո՛չ էլ մարմնական արատը կարող էին խանգարել, որ արդեն լրիվ փչացած լիներ։ Նա չժպտաց նույնիսկ, այլ լուրջ, պահանջկոտ հայացքով նայեց Կ֊ին, ոչ չնկատելու տվեց աղջկա շարժուձևերը և հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Դու նկարիչ Տիտորելլիին ճանաչո՞ւմ ես։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք ուզում նրանից։― Գլխով արեց աղջնակն ու հարցրեց իր հերթին։ | ||
+ | |||
+ | Նկարչի մասին արագ որոշ բաներ իմանալը ձեռնտու թվաց Կ֊ին։ | ||
+ | |||
+ | ― Ուզում եմ, որ նկարի ինձ։ | ||
+ | |||
+ | ― Նկարի՞։― Աղջնակն արտասովոր լայն բացեց բերանը, ձեռքով թեթևակի հրեց Կ֊ին, կարծես վերջինս անակնկալ կամ անհարմար բան էր ասել, երկու ձեռքով բարձրացրեց առանց այն էլ կարճ շրջազգեստը և ուժերի ներածին չափ արագ վազեց մյուսների հետևից, որոնց աղմուկը անորոշ մի տեղ՝ վերևում, լռել էր արդեն։ Սակայն ասիտճանի հաջորդ շրջադարձին Կ֊ն կրկին տեսավ աղջնակներին։ Պարզ երևում էր, որ սապատավորը հայտնել էր Կ֊ի մտադրությունը, և նրանք սպասում էին․ կանգնել էին աստիճանների երկու եզրերին, սեղմվել էին պատին, որ Կ֊ն հնարավորություն ունենար առանց նեղվելու անցնել իրենց արանքով, և ձեռքերով գոգնոցներն էին հարթեցնում։ Նրանց դեմքերը և շարք կանգնելը երեխայության ու արատավորության խառնուրդ էր ներկայացնում։ Կ֊ի թիկունքնում ծիծաղելով իրար խառնված շարքի վերևում այժմ սապատավորն էր կանգնել․ նա առաջնորդում էր։ Կ֊ն նրան պետք է շնորհակալ լիներ, որ անմիջապես ճիշտ ճանապարհը գտավ։ Նա ուզում էր ուղիղ վեր բարձրանալ, մինչդեռ աղջնակը ցույց տվեց, որ եթե ուզում է Տիտորելլիի մոտ գնալ, պետք է աստիճանների ճյուղավորումներից մեկն ընտրի։ Նրա սենյակը տանող աստիճանը անսովոր նեղ էր, շատ երկար ու առանց շրջադարձների, երևում էր իր ողջ երկարությամբ մեկ և անմիջապես դռան մոտ էր վերջանում։ Չսպիտակեցված գերաններից սարքած դուռը, որի վրա լայն վրձնահարվածներով, կարմիր գույնով գրված էր նկարչի անունը՝ «Տիտորելլի», վերևում բացված փոքր ու շեղ օդանցքից թափվող լույսի շնորհիվ ավելի լավ էր լուսավորված, քան աստիճանները։ Խմբի ուղեկցությամբ Կ֊ն հազիվ էր հասել աստիճանների կեսին, երբ նկարչի դուռը փոքր ճեղքի չափով բացեց (հանգիստ կարելի էր կռահել, որ դրա պատճառը բարձրացողների ոտնաձայնն էր) և, հավանաբար, միայն գիշերազգեստ հագած մի տղամարդ երևաց բացվածքի մեջ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜հ։― Մոտեցող բազմությանը նկատելով, բացականչեց նա ու անհետացավ։ Սապատավոր աղջնակը ուրախությունից ծափ տվեց, իսկ խմբի մնացած անդամները ավելի արագ առաջ մղելու համար սկսեցին թիկունքից սեղմել Կ֊ին։ Նրանք դեռ վերև չէին հասել, երբ նկարիչը լայն բացեց դուռը և խոր գլուխ տալով Կ֊ին ներս հրավիրեց։ Աղջնակներին՝ հակառակը, ներս չթողեց, և որքան էլ նրանք խնդրեցին, փորձեցին եթե ոչ թույլտվությամբ, ապա նրա կամքին հակառակ խցկվել, նկարիչը տեղի չտվեց։ Միայն սապատավորին հաջողվեց առաջ պարզած ձեռքերի տակով ներս ճողոպրել, սակայն նկարիչը ընկավ նրա հետևից, շորից բռնած մի պտույտ տվեց ու կանգնեցրեց դռան մոտ, մյուսների կողքին, որոնք, թեև նկարչը լքել էր իր կետը, չէին համարձակվել շեմն անցնել։ Կ֊ն չգիտեր ինչ անուն տալ կատարվածին։ Ի դեպ, նրան թվում էր, թե մտերմիկ փոխըմբռնում կա ամեն ինչում։ Դռան մոտ կանգնած երեխաները մեկը մյուսի հետևից ձգում էին վզերն ու Կ֊ի համար անհասկանալի տարբեր բաներ էին ասում, որ երևի թե կատակներ էին։ Նկարիչը նույնպես․ նա ծիծաղում էր, երբ սապատավորը համարյա ճախրում էր իր ձեռքերի մեջ։ Հետո նա փակեց դուռը, մի անգամ ևս գլուխ տվեց Կ֊ին և, ձեռքը պարզելով, ներկայացավ․ | ||
+ | |||
+ | ― Գեղանկարիչ Տիտորելլի։ | ||
+ | |||
+ | ― Երևում է, այս շենքում շատ են սիրում նրանց։― Կ֊ն ցույց տվեց դռան կողմը, որի հետևում լսվում էին երեխաների շշուկները։ | ||
+ | |||
+ | ― Ա՛խ այդ կապիկները,― ասաց նկարիչը և իզուր փորձեց կոճկել շապիկի օձիքը։ Ընդհանրապես նա ոտաբոբիկ էր, միայն վուշի կտավից կարած լայն, փոքր ինչ դեղնավուն տաբատ էր հագել և ամուր կապել գոտիով, որի երկար ծայրը ազատ այսուայնկողմ էր ճոճվում։― Այդ կապիկները իսկապես բեռ են ինձ համար։― Շապիկը հանգիստ թողնելով (վերևի կոճակը պոկված էր) շարունակեց նա, բազկաթոռ բերեց և Կ֊ին համառորեն խնդրեց նստել։― Մի անգամ նրանցից մեկին նկարեցի (հիմա նա հետները չէ) և այդ օրվանից պրծում չունեմ։ Երբ ես տանն եմ, նրանք միայն իմ թույլտվությամբ են ներս գալիս, իսկ երբ այստեղ չեմ լինում, ապա նրանցից առնվազն մեկն այստեղ է։ Նրանք այս դռան համար մի բանալի են հարմարեցրել և իրար են փոխացնում։ Չեք կարող պատկերացնել, թե ինչքան են զզվացնում։ Օրինակ, ցանկանում եմ մի տիկնոջ նկարել, նրա հետ գալիս եմ տուն, իմ բանալիով բացում եմ դուռը և, ասենք, կուզիկին եմ տեսնում սեղանի մոտ կանգնած, վրձնով շուրթերը կարմիր ներկելիս, իսկ նրա փոքրահասակ քույրերը, որ իր հսկողությանն են հանձնված, այսուայնտեղ են մտնում և ապականում սենյակի բոլոր անկյունները։ Կամ, ինչպես երեկ եղավ։ Ուշ երեկոյան գալիս եմ տուն (այդ բանը հաշվի առնելով, խնդրում եմ ներեք իմ տեսքի ու սենյակի թափթփված վիճակի համար), ուրեմն, ուշ երեկոյան գալիս եմ տուն և ուզում եմ մահճակալին պառկել։ Մեկ էլ մի բան կսմթում է ոտքս։ Նայում եմ մահճակալի տակ և սրանցից մեկին դուրս հանում։ Ես էլ չգիտեմ, թե այս սենյակը ինչով է նրանց ձգում։ Դուք էլ կարող եք տեսնել, որ իմ կողմը չեմ գրավում։ Նրանք, ինչ խոսք, խանգարում են աշխատել և, եթե այս արվեստանոցը ձրի տրամադրած չլինեին, արդեն վաղուց գնացած կլինեի։ | ||
+ | |||
+ | ― Տիտորելլի, հիմա կարելի՞ է գալ։― Նույն պահին դռան հետևում հարցրեց երեխայական բարակ ու վախվորած մի ձայն։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ էլ ե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Դու էլ։― Նկարիչը մոտեցավ դռանը և փակեց։ | ||
+ | |||
+ | Այդ ընթացքում Կ֊ն սենյակն էր աչքի անցկացնում։ Առանց նկարչի օգնության նա երբեք չէր մտածի, թե կարելի է արվեստանոց անվանել այս փոքր, խղճուկ խուցը, որի լայնքն ու երկայնքը հազիվ երկու մեծ քայլից ավելի լինեին։ Ամեն ինչ՝ հատակը, պատկերը և առաստաղը, փայտից էին, իսկ գերանների արանքում նեղ ճեղքեր էին երևում։ Կ֊ի դիմացը՝ պատի մոտ, խայտաբղետ սավան֊ծածկոցներով ծանրաբեռնված մահճակալն էր, սենյակի մեջտեղում՝ նկարակալի վրա, շապիկով ծածկված կտավ էր ամրացված, շապիկի թևքերը կախ էին ընկել ու համարյա հատակին էին քսվում։ Կ֊ի թիկունքում պատուհանն էր։ Մառախուղը թույլ չէր տալիս կողքի տան ձյունածածկ կտուրից այն կողմ որևէ բան տեսնել։ Կողպեքի մեջ բանալու պտտվելը Կ֊ին հիշեցրեց, որ ուզում էր շուտ գնալ։ Նա գրպանից հանեց ֆաբրիկատիրոջ նամակը, պարզեց նկարչին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձեզ ծանոթ այս պարոնից եմ իմացել Ձեր մասին և խորհուրդ հարցնելու համար եմ եկել։― Նկարիչը աչքերը տողերի վրայով սահեցնելով կարդաց, հետո նամակը նետեց մահճակալին։ Եթե ֆաբրիկատերը Տիտորելլիի մաիսն պատմած չլիներ, թե ծանոթ է իրեն, իր տված ողորմություններով ապրող, աղքատ մարդ է, ապա իսկապես կարելի էր կարծել, թե նկարիչը բնավ չի ճանաչում ֆաբրիակտիրոջը կամ առնվազն չի կարողանում հիշել նրան։ | ||
+ | |||
+ | ― Դուք նկարնե՞ր եք ուզում գնել, թե՞ ուզում եք, որ նկարեմ Ձեզ։ Ի լրումն արդեն եղածի,― հարցրեց Տիտորելլին։ | ||
+ | |||
+ | Կ֊ն զարմացած նայեց։ Իրոք, ի՞նչ էր գրված նամակում։ Նա ինքնին հասկանալի էր համարել, որ ֆաբրիկատերը հայտնած կլինի, թե դատարանում հարուցված գործի վերաբերյալ մի քանի բան տեղեկանալուց բացի, Կ֊ն ոչինչ չի ուզում։ Նա, ախր, շատ շտապ և առանց երկար մտածելու էր այստեղ վազել։ Այժմ հարկավոր էր ինչ֊որ կերպ պատասխան տալ նկարչին, և նա՝ նկարակալի վրա հայացք գցելով, հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Դուք որևէ նկարի վրա աշխատո՞ւմ եք արդեն։ | ||
+ | |||
+ | ― Այո։― Տիտորելլին կտավը ծածկող շապիկը նետեց նամակի հետևից։― Դիմանկար է։ Լավ գործ է, բայց դեռ ավարտված չէ։ | ||
+ | |||
+ | Պահը նպաստավոր էր։ Դատարանի մասին խոսելու հնարավորությունը պարզապես հրամցվեց Կ֊ին, որովհետև, ինչպես երևում էր, կտավի վրա դատավորի դիմանկար էր պատկերված։ Պետք է ասել, որ աչքի զարնող նմանություն կար այս և դոկտոր Հուլդի առանձնասենյակում կախված նկարների միջև։ Առանձնասենյակի կտավը յուղաներկ էր, իսկ սա կավճաներկով թույլ և ոչ այնքան հստակ էր նկարված, ու թեև այս նկարում պատկերված դատավորը լրիվ ուրիշ մարդ էր՝ գեր էր և մինչև աչքերի տակը հասնող սև, մացառանման մորուք ուներ, ապա մնացած ամեն ինչում նմանություն կար, որովհետև այս նկարում էլ դատավորը սեղմել էր գահավորակի արմնկակալները և սպառնագին ցանկանում էր վեր կենալ։ | ||
+ | |||
+ | «Սա, ախր, դատավորի նկար է»,― ուզեց անմիջապես նկատել Կ֊ն, սակայն առայժմ զսպեց իրեն և, կարծես մտադիր էր մանրակրկիտ զննել նկարը՝ ավելի մոտեցավ։ Նա չկարողացավ հասկանալ, թե ի՞նչ էր նշանակում գահավորակի թիկնակի մեջտեղում կանգնած բարձր արձանիկը և նկարչին հարցրեց։ | ||
+ | |||
+ | ― Վերջնական տեսքի բերելու համար դեռ մի փոքր մշակել է պետք,― ասաց նկարիչը, փոքր սեղանի վրայից վերցրեց կավիճը և թեթևակի տարավ արձանիկի եզրերով, առանց դրանով Կ֊ի համար ավելի հստակ դարձնելու։ | ||
+ | |||
+ | ― Արդարադատության կերպարն է։― Վերջապես ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Արդեն հասկացա։ Աչքերի շուրջը քողն է, իսկ սա կշեռքն է։ Բայց կրունկների վրա թևեր չե՞ն արդյոք։ Եվ ընդհանրապես, նա կարծես վազելիս լինի։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Ինձ այդպես են պատվիրել։ Իրականում այս կերպարը մարմնավորում է արդարության և հաղթանակի աստվածուհիներին։ | ||
+ | |||
+ | ― Այնքան էլ լավ համատեղում չէ։― Ժպտաց Կ֊ն։― Արդարությունը պետք է հանգիստ լինի, թե չէ կշեռքի նժարները կտատանվեն և ոչ մի արդարացի վճիռ հնարավոր չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Այդ հարցում ես իմ պատվիրատուի հետ եմ համամիտ։ | ||
+ | |||
+ | ― Այո, իհարկե,― ասաց Կ֊ն։ Իր դիտողությամբ նա չէր ուզում ոչ մեկին նեղացնել։― Դուք արձանիկն այնպես եք նկարել, ինչպես իրականում գահավորակի թիկնակին է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Ես ոչ գահավորակն եմ տեսել, ոչ էլ արձանիկը։ Այս ամենը հնարովի է, սակայն ինձ ասել են, թե ինչ պետք է նկարեմ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս։― Կ֊ն դիտավորյալ ձևացնում էր, թե լրիվ չի հասկանում նկարչին։― Չէ՞ որ նկարում պատկերվածը ատենական գահավորակին նստած դատավոր է։ | ||
+ | |||
+ | ― Այո, բայց նա բարձրաստիճան դատավոր չէ և երբևէ նման գահավորակի նստած չի եղել։ | ||
+ | |||
+ | ― Եվ պատվիրում է նման հպարտ կեցվածքո՞վ նկարել։ Նա, ախր, արդարադատության պրեզիդենտի նման է նստել։ | ||
+ | |||
+ | ― Այս պարոնները մեծամիտ են։ Վերևից նրանց թույլ են տվել այսպիսի նկարներ պատվիրել։ Ամեն մեկին ճշգրտորեն բացատրված է, թե ինչ դիրքով է կարելի նկարվել։ Ցավոք, հենց այս նակրեին նայելով հնարավոր չէ զգեստի և նստած դիրքոի մասին դատողություններ անել․ կավճաներկով հնարավոր չէ դրանք հստակ պատկերել։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Ես էլ զարմացա, որ գործը կավճաներկով է արված։ | ||
+ | |||
+ | ― Դատավորն այդպես կամեցավ։ Այս նկարը մի տիկնոջ համար է պատվիրված։ | ||
+ | |||
+ | Նկարը կարծես աշխատելու ցանկություն առաջ բերեց նրա մեջ։ Նա քշտեց թևերը, մի քանի կավճաներկ առավ ձեռքը, և Կ֊ն տեսավ, թե ինչպես կավիճների թրթռացող սայրերի տակ դատավորի գլխի շուրջը կարմրավուն ստվեր ձևավորվեց ու ճառագայթաձև ցոլքերով դեպի նկարի եզրերը ձգվելով, լուծվեց կտավի անգունության հետ։ Ստվերի այդ խաղը զարդարանքի կամ մի վերին նշանի նման օղակի մեջ առավ նրա գլուխը։ Արդարության արձանիկի շուրջը աննշան լուսավոր շերտ կար, և այդ ֆոնի վրա արձանիկը կարծես ավելի ուժեղ էր աչքի զարնում․ այժմ ոչ արդարության, ոչ էլ հաղթանակի աստվածուհիներին չէր հիշեցնում։ Այսպես նա ավելի շուտ նման էր որսորդության աստվածուհուն։ Նկարչի աշխատանքը Կ֊ին ավելի շատ գրավեց, քան նա ուզում էր սկզբում։ Ի վերջ նա նախատեց ինքնիրեն, որովհետև արդեն երկար ժամանակ այստեղ էր, բայց սեփական գործի համար էական ոչինչ չէր ձեռնարկել։ | ||
+ | |||
+ | ― Դատավորի անունն ի՞նչ է,― անսպասելի հարցրեց նա։ | ||
+ | |||
+ | ― Այդ մեկն ասելու իրավունք չունեմ։― Նկարիչը խորը կռացել էր նկարի վրա և բացարձակ անուշադրության մատնել հյուրին, մինչդեռ սկզբում այնպես հարգանքով էր ընդունել նրան։ Կ֊ն դա կամակորություն համարեց և զայրացավ, որովհետև այդ պատճառով ժամանակ էր կորցնում։ | ||
+ | |||
+ | ― Դուք, հավանաբար, դատարանում վստահելի մա՞րդ եք,― հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | Նկարիչն իսկույն մի կողմ թողեց կավիճները, ուղղվեց, իրար քսեց ձեռքերը և ժպտալով նայեց Կ֊ին։ | ||
+ | |||
+ | ― Եկեք անկեղծ խոսենք։ Դուք, ինչպես երաշխավորագրում է ասված, ինչ֊որ բան եք ուզում իմանալ դատարանի մասին և ինձ սիրաշահելու համար սկզբում նկարների մասին խոսեցիք։ Սակայն ես չեմ նեղանում, որովհետև Դուք չէիք կարող իմանալ, որ ինձ հետ նման ձևով վարվելն ավելորդ է։ Օ, թույլ տվեք,― կտրուկ ավելացրեց նա, երբ Կ֊ն փորձեց հակաճառել, և շարունակեց։― Իսկ ընդհնարպաես, ճիշտ նկատեցիք։ Դատարանում ես վստահելի անձ եմ։― Նա մի պահ լռեց, կարծես ցանկանում էր Կ֊ին քիչ առաջ լսածը գնահատելու հնարավորություն տալ։ Դռան հետևում կրկին լսվեցին աղջնակների ձայները։ Նրանք հավանաբար խռնվել էին բանալու անցքի շուրջը, մինչդեռ երևի կարելի էր պատերի ճեղքերից էլ ներս նայել։ Կ֊ն չուզեց ներողություն խնդրել․ նա չէր ուզում նկարչին շեղել, ինչպես և չէր ուզում, որ նա շատ գոռոզանար ու անմատչելի պատկերացներ իրեն։ Այդ պատճառով հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Իսկ դա պաշտոնապես ընդունվա՞ծ է։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ,― կարճ պատասխանեց նկարիչը։ Թվաց, թե այդ կենտ բառը զրկեց նրան հետագա խոսքերից։ Բայց Կ֊ն չէր ուզում, որ նա լռեր, և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Շատ հաճախ ճանաչում չստացած նման պաշտոններն ավելի ազդեցիկ են, քան օրենքով հաստատվածները։ | ||
+ | |||
+ | ― Այս դեպքում այդպես է,― ասաց նկարիչը և, ճակատը խոժոռելով, գլխով արեց։― Երեկ ֆաբրիկատիրոջ հետ Ձեր մասին էի խոսում։ Նա հարցրեց՝ արդյոք չե՞մ ուզում օգնել Ձեզ, ես պատասխանեցի՝ թող մի անգամ գա, և ուրախ եմ Ձեզ այդքան շուտ տեսնելու համար։ Երևում է, որ դատավարությունը շատ սրտամոտ եք ընդունում։ Ի դեպ, դա ինձ չի զարմացնում։ Գուցե նախ հանե՞ք Ձեր վերարկուն։ | ||
+ | |||
+ | Թեև Կ֊ն մտադիր էր միայն կարճ ժամանակ մնալ, այնուամենայնիվ, մեծ հաճույքով ընդունեց նկարչի առաջարկը։ Սենյակի օդը գնալով ավելի ճնշող էր թվում, ընթացքում նա մի քանի անգամ զարմանքով նայել էր անկյունում դրված երկաթյա փոքր վառարանին, որ, անկասկած, չէր օգտագործվում և չէր կարողացել բացատրել, թե ինչո՞ւ է սենյակի օդն այդպես հեղձուցիչ։ Երբ Կ֊ն վերարկուն հանեց ու պիջակի կոճակները քանդեց, նկարիչը ներողություն խնդրելով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Իմ սենյակը պետք է տաք լինի։ Այստեղ շատ հաճելի է, այդպես չէ՞։ Տաքության տեսակետից սենյակի դիրքը շատ լավ է։― Ի պատասխան Կ֊ն ոչինչ չասաց։ Եթե անկեղծ խոստովանելու լինենք, սենյակի տաքությունը չէր, որ տհաճություն էր պատճառում, այլ, ավելի շուտ, շնչելը դժվարացնող ծանր օդը․ սենյակը հավանաբար երկար ժամանակ չէր օդափոխվել։ Տհաճության զգացումը ավելի թունդ երանգ ստացավ, երբ նկարիչը՝ նկարակալի դիմաց դրված միակ աթոռին ինքը նստելով, նրան խնդրեց տեղավորվել մահճակալի վրա։ Դրանից բացի, նկարիչը կարծես չհասկացավ, թե ինչու Կ֊ն, ավելի հարմար տեղավորվելու խնդրանքը անտեսելով, մահճակալի եզրին նստեց, և որովհետև հյուրը վարանում էր, անձամբ մոտեցավ, մահճակալի ու բարձերի մեջ խորը թաղված նստեցրեց նրան, վերադարձավ բազկաթոռի մոտ ու վերջապես տվեց առաջին գործանական հարցը․ դրանից հետո Կ֊ն մնացած ամեն ինչ մոռացավ։ | ||
+ | |||
+ | ― Դու անմե՞ղ եք։ | ||
+ | |||
+ | ― Այո։― Հարցի պատասխանը Կ֊ին անկեղծ հաճույք պատճառոց առանձնապես այն պատճառով, որ իր դիմաց մասնավոր մարդ էր նստած, հետևաբար՝ պատասխանատվությունը բացակայում էր։ Դեռ ոչ ոք նկարչի պես բացահայտ չէր հարցրել։ Հաճույքը անմնացորդ վայելելու համար նա ավելացրեց․― ես բոլորովին մեղք չունեմ։ | ||
+ | |||
+ | ― Այդպես։― Նկարիչը գլուխը խոնարհեց և թվաց, թե մտածում է։ Հանկարծ նա ուղղվեց և ասաց․― եթե Դուք անմեղ եք, ապա շատ հասարակ գործ է։ | ||
+ | |||
+ | Կ֊ն մռայլվեց։ Դատարանի ենթադրյալ վստահելի մարդը անգետ երեխայի պես էր խոսում։ | ||
+ | |||
+ | ― Իմ անմեղ լինելը չի հեշտացնում գործը։― Չնայած ամեն ինչին, նա ստիպված էր ժպտալ և դանդաղ օրորել գլուխը։― Շատ նրբություններ կան, որոնց մեջ խճճվում է դատարանը, և հետո ինչ֊որ տեղից, ուր նախկինում ոչինչ հնարավոր չէր գտել, մի մեծ մեղք է երևան բերվում։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո, իհարկե։― Նկարիչն այնպիսի տոնով խոսեց, կարծես Կ֊ն խանգարում էր նրան մտածել։― Սակայն Դուք, այնուամենայնիվ, անմե՞ղ եք։ | ||
+ | |||
+ | ― Դե իհարկե։ | ||
+ | |||
+ | ― Գլխավորը դա է,― ասաց նկարիչը։ Հակառակ փաստարկներով նրա վրա ազդել հնարավոր չէր, միայն թե, չնայած նրա վճռականությանը, դեռ պարզ չէր՝ այդպես խոսելու պատճառը համոզվածությո՞ւնն էր, թե՞ անտարբերությունը։ Կ֊ն ցանկացավ նախ դա պարզել և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դուք, անշուշտ, դատարանն ինձնից լավ գիտեք։ Ես տարբեր մարդկանցից լսած կարծիքներից բացի ոչինչ չգիտեմ։ Մի հարցում, սակայն, նրանց բոլորի խոսքերը համընկնում էին․ թեթևամիտ մեղադրանքներ առաջ չեն քաշվում, և եթե դատարանը մի անգամ մեկին մեղադրում է, հաստատ համոզված է դիմացինի մեղավորության մեջ ու այդ համոզմունքից կարող է շատ մեծ դժվարությամբ հրաժարվել։ | ||
+ | |||
+ | ― Դժվարությա՞մբ,― հարցրեց նկարիչն ու վեր նետեց մի ձեռքը։― Դատարանը երբեք չի հրաժարվում իր համոզմունքներից։ Եթե բոլոր դատավորներին կողք֊կողքի նկարեմ այստեղ, իսկ Դուք կանգնեք նրանց դիմաց և պաշտպանվեք կտավի վրա պատկերված նկարներից, ապա ավելի մեծ հաջողություն կունենաք, քան իսկական դատարանում։ | ||
+ | |||
+ | ― Այո։― Ինքնիրեն ասաց Կ֊ն և մոռացավ, որ միայն հարցուփորձ անել էր ուզում։ | ||
+ | |||
+ | ― Տիտորելլի։― Դռան հետևից նորից հարցրեց աղջնակներից մեկը։ Նա դեռ երկա՞ր է մնալու այդտեղ։ | ||
+ | |||
+ | ― Ձայնե՛րդ,― դռան կողմը բղավեց նկարիչը։― Չե՞ք տեսնում, որ պարոնի հետ քննարկելու բան ունեմ։ | ||
+ | |||
+ | ― Դու նկարելո՞ւ ես նրան,― հարցրեց աղջնակը, որովհետև նկարչի խոսքերը չգոհացրին նրան։― Խնդրում եմ, այդ այլանդակ մարդուն մի նկարիր։― Երբ Տիտորելլին ոչինչ չպատասխանեց, ավելացրեց նա։ Դրան հաջորդեց հավանություն տվող անհասկանալի կանչերի աղմուկը։ Նկարիչը մի ցատկով մոտեցավ դռանը, փոքր ճեղքի չափով բացցեց (երևացին աղջնակների աղերսագին առաջ պարզված ձեռքերը) և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե խելոք չմնաք, բոլորիդ աստիճաններով ներքև կշպրտեմ։ Նստեք այստեղ և հանգիստ պահեք ձեզ։― Երեխաներն հավանաբար անմիջապես չհնազանդվեցին, և նա ստիպված էր հրամայել։― Նստեք աստիճաններին։― Միայն դրանից հետո նրանք սսկվեցին։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, խնդրեմ։― Վերադառնալուց հետո ասաց նա։ Կ֊ն ընդհանրապես չէր շրջվել աստիճանների կողմն ու լրիվ նկարիչ հայեցողությանն էր թողել, թե արդյո՞ք և ինչպե՞ս կպաշտպանի իրեն։ Նա չշարժվեց նույնիսկ, երբ նկարիչը կռացավ և, դրսում լսելի չլինելու համար, շշնջաց ականջին․ | ||
+ | |||
+ | ― Այս աղջնակները նույնպես դատարանինն են։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե,― հարցրեց Կ֊ն, գլուխը թեքեց ու նայեց նկարչին։ Վերջինս, սակայն, կրկին նստեց իր բազկաթոռին և կես կատակ֊կես լուրջ բացատրեց․ | ||
+ | |||
+ | ― Ախր ամեն ինչ դատարանին է պատկանում։ | ||
+ | |||
+ | ― Նման բան դեռ չեմ նկատել,― կարճ ասաց Կ֊ն։ Նկարչի՝ բոլորին նկատի ունենալը վերացրեց աղջնակների վերաբերյալ ակնարկի պատճառած անհանգստությունը։ Չնայած դրան, նա մի պահ նայեց դռանը, որի հետևում այժմ արդեն ձայները կտրած երեխաները լուռ նստել էին աստիճաններին։ Նրանցից մեկը հարդի ծղոտը մտցրել էր գերանների արանքն ու դանդաղ վերուվար էր խաղացնում։ | ||
+ | |||
+ | ― Դուք կարծես դեռ ոչ մի ընդհանուր պատկերացում չունեք դատարանի մասին,― ասաց նկարիչը։ Նա ոտքերը իրարից բավական հեռու էր դրել և թաթերով գետնին էր խփում։― Քանի որ անմեղ եք, դրա անհրաժեշտությունը չկա։ Ես մենակ Ձեզ դուրս կբերեմ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս եք մտադիր վարվել,― հարցրեց Կ֊ն։― Քիչ առաջ ինքներդ ասացիք, որ դատարանը ընդհանրապես ոչ մի փաստարկ չի ընդունում։ | ||
+ | |||
+ | ― Միայն այն փաստարկները, որոնք դատարանին են ներկայացվում։― Ցուցամատը բարձրացնելով այնպես ասաց նկարիչը, կիարծես Կ֊ն մի շատ նուրբ տարբերություն չէր նկատել։― Սակայն գործն այլ կերպ է դասավորվում, երբ մարդ՝ այս տեսակետից ելնելով, որևէ բան փորձում է հրապարակային դատի կուլիսների հետևում։ Այսինքն՝ խորհրդակցության սենյակներում, միջանցքներում կամ, օրինակ, այստեղ՝ արվեստանոցում։― Նկարչի ասածը Կ֊ին այնքան էլ անհավատալի չթվաց։ Ավելի շուտ, այս վերջին տեղեկությունը չափից դուրս զուգադիպեց տարբեր մարդկանց արտահայտած կարծիքներին։ Այո, այդ ամենն, իրոք, շատ հուսադրող էր։ Եթե անձնական կապերի շնորհիվ իսկապես շատ հեշտ կարելի էր ազդել դատավորի վրա (ինչպես փաստաբանն էր պատմում), ապա նկարչի՝ ինքնահավան դատավորների հետ ունեցած ծանոթությունները իսկապես կարևոր էին, և ինչ ուզում է լիներ, երբեք չէր կարելի թերագնահատել։ Նկարիչը շատ լավ կարող էր տեղ գրավել օգնականների այն շղթայի մեջ, որ Կ֊ն էր աստիճանաբար ստեղծում իր շուրջը։ Բանկում մի առիթով դրվատել էին նրա կազմակերպչական ձիրքը, և այժմ, երբ ամեն ինչ սեփական ուժերով պետք է աներ, այդ ընդունակությունը մինչև վերջ ի հայտ բերելու լավ հնարավորություն ստեղծվեց։ Նկարիչը հետևում էր բացատրության թողած տպավորությանը և հետո վախի որոշ երանգով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Չե՞ք նկատում, որ ես համարյա իրավախորհրդատուի պես եմ խոսում։ Անընդհատ դատարանի պարոնների հետ շփվելն է իր ազդեցությունը թողել։ Դրանից, ինչ խոսք, ես շահում եմ, սակայն մեծ մասամբ ստեղծագործական վերելքն է տուժում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դատավորների հետ առաջին անգամ ինչպե՞ս եք ծանոթացել։― Մինչև նկարչին իր մոտ ծառայության վերցնելը Կ֊ն ուզում էր նախ նրա վստահությունը շահել։ | ||
+ | |||
+ | ― Այդ մեկը շատ հեշտ էր։ Ես ժառանգել եմ այդ ծանոթությունը։ Իմ հայրն էլ էր դատարանի նկարիչ, դա ժառանգաբար գնացող գործ է, և նոր մարդկանց վերցնել չեն կարող։ Օրինակ, տարբեր պաշտոններ ունեցող մարդկանց նկարելու համար այնքան շատ, իրարից տարբեր ու, ամենից առաջ, գաղտնի օրենքներ են ձևավորվել, որ կոնկրետ ընտանիքներից դուրս չեն կարող տարածվել։ Օրինակ՝ այստեղ՝ գզրոցում, ես պահում եմ հորս թողած գծագրերը և ոչ ոքի ցույց չեմ տալիս։ Ով այդ գծագրերը լավ գիտենա, արդեն կկարողանա դատավորներին նկարել։ Սակայն, եթե անգամ դրանք կորցնելու էլ լինեմ, ապա կպահպանեմ այն բազմաթիվ կանոնները, որ միայն ես գիտեմ (դրանք իմ գլխում են և ոչ ոք չի կարողանա իմ պաշտոնը վիճարկել)։ Յուրաքանչյուր դատավորի պետք է այնպես նկարել, ինչպես նախկինում մեծ դատավորներին են նկարել, իսկ դա միայն ես եմ կարող։ | ||
+ | |||
+ | ― Նախանձելի է,― ասաց Կ֊ն։ Նա մտածում էր բանկում ունեցած իր դիրքի մասին։― Ուրեմն Ձեր դիրքը անսասան է։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Անսասան է։― Ուսերը հպարտ բարձրացնելով, ասաց նկարիչը։― Այդ իսկ պատճառով երբեմն֊երբեմն համարձակվում եմ դատարանում գործ ունեցող որևէ խեղճ մարդու օգնել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչպե՞ս եք անում,― հարցրեց Կ֊ն, կարծես իրեն չէր, որ քիչ առաջ խեղճ մարդ անվանեցին։ Սակայն նկարիչը թույլ չտվեց շեղել իրեն և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Կոնկրետ Ձեզ համար, օրինակ, որովհետև անմեղ եք ընդհանրապես, այսպես կվարվեմ։ | ||
+ | |||
+ | Սեփական անմեղության շարունակվող կրկնությունը արդեն անտանելի էր դառնում Կ֊ի համար։ Նրան թվում էր, թե նկարիչը նման նկատողությունների շնորհիվ դատավարության նպաստավոր ելքը իր օժանդակության նախապայմանն էր դարձնում, և օգնությունն, այսպիսով, անհիմն էր դառնում։ Չնայած այդ կասկածներին, Կ֊ն զսպում էր իրեն և չէր ընդհատում դիմացինին։ Նա հաստատ վճռել էր չհրաժարվել նկարչի ծառայություններից, որովհետև դրանք այնքան էլ կասկածելի չէին թվում, ինչպես դոկտոր Հուլդինը։ Կ֊ն նկարչին նույնիսկ շատ ավելի գերադասեց, որովհետև այս օգնությունն ավելի անմեղ ու անկեղծ ձևով էր առաջարկվել։ | ||
+ | |||
+ | Նկարիչը բազկաթոռը լավ մոտեցրեց մահճակալին և ցածր ձայնով շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Մոռացա սկզբում հարցնել․ ինչպե՞ս եք ուզում ազատ արձակվել։ Երեք հնարավորություն կա․ լրիվ արդարացում, թվացյալ արդարացում և ձգձգում։ Առաջին եղանակն, ինչ խոսք, ամենալավն է, միայն թե հարցի լուծման համար այդ ձևի համար ես ոչինչ չեմ կարող անել։ Իմ կարծիքով, ընդհանրապես մեկը չկա, որ կարողանա լրիվ արդարացման համար այդքան ազդեցություն ունենալ։ Այստեղ, հավանաբար, վճռական դերը պատկանում է միայն մեղադրյալի անմեղությանը, և որովհետև Դուք անմեղ եք, իհարկե կարելի է հույսը միայն դրա վրա դնել։ Այդ դեպքում ոչ իմ, ոչ էլ ուրիշ որևէ մեկի օգնության կարիքը չունեք։ | ||
+ | |||
+ | Աստիճանակարգված նկարագիրը սկզբում շփոթեցրեց Կ֊ին, սական հետո նա նկարչի պես ցածրաձայն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Իմ կարծիքով Դուք ինքներդ Ձեզ հակասում եք։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս։― Համբերատար հարցրեց նկարիչը և ժպտալով ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։ Ժպիտը Կ֊ի ներսում տարօրինակ զգացում արթնացրեց։ Նրան թվաց, թե ինքը ոչ թե նկարչի խոսքերի, այլ հենց դատավարության մեթոդների մեջ է հակասություն գտել։ Չնայած դրան, նա չընկրկեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Քիչ առաջ նկատեցիք, թե դատարանը ուշադրություն չի դարձնում փաստարկներին, հետո ասացիք, որ միայն դռնբաց դատական նիստերի ժամանակ է այդպես, իսկ այժմ նույնիսկ պնդում եք, թե անմեղ տեղը մեղադրվածները դատի ժամանակ ոչ մի օգնության կարիք չունեն։ Արդեն այս խոսքերի մեջ հակասություն կա։ Դրանից բացի, ասացիք նաև, որ կարելի է դատավորի վրա ազդել, սակայն այժմ ժխտում եք, ասելով, թե լրիվ արդարացված լինելու համար (ինչպես ինքներդ քիչ առաջ անվանեցիք) երբեք հնարավոր չէ անձնական կապերն օգտագործել։ Դա արդեն երկրորդ հակասությունն է։ | ||
+ | |||
+ | ― Այդ հակասությունների պարզաբանումը անչափ դյուրին է։ Խոսքն այստեղ երկու՝ բոլորովին տարբեր բաների մասին է։ Մեկը, որ օրենքով է նախատեսված, և մյուսը, որ ես ինքս եմ իմ փորձով իմացել։ Դուք իրավունք չունեք շփոթել սրանք։ Օրենքով (ի դեպ, պետք է ասեմ, որ ես այն չեմ կարդացել), ինչ խոսք, մի կողմից նախատեսված է, որ անմեղ ամբաստանյալը ազատ է արձակվելու, բայց մյուս կողմից, գրված չէ, թե դատավորների վրա կարելի է ներգործել։ Միայն թե ես լրիվ հակառակ բաներն եմ տեսել։ Դեռ ոչ մի անգամ լրիվ արդարացում չի եղել, մինչդեռ շատ է պատահել, որ դատավորների վրա ներգործեն։ Ինչ խոսք, հնարավոր է, որ ինձ հայտնի բոլոր դեպքերում ոչ մի անմեղ մարդ չի եղել, բայց արդյո՞ք դա անհավանական չէ։ Այդքան շատ դեպքեր, և ոչ մի անմեղ մարդ։ Դեռ երեխա ժամանակ ես ուշադիր լսում էի հորս, երբ նա տանը խոսում էր դատական նիստերի մասին։ Նրա արվեստանոցն եկող դատավորները նույնպես դատավարությունների մասին էին պատմում։ Ի դեպ, մեր շրջանում ուրիշ ոչ մի բանի մասին չեն խոսում։ Անձամբ դատին ներկա գտնվելու ընձեռված ամեն մի հնարավորություն անմիջապես օգտագործել եմ։ Անթիվ դատավարություններ եմ լսել իրենց կարևոր էտապներում, եթե հնարավոր է եղել ներկա գտնվել՝ ներկա եմ եղել, և պետք է ասեմ, որ ոչ մի անգամ լրիվ արդարացման դեպքեր չեմ տեսել։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն ոչ ոք ազատ չի՞ արձակվել։― Կ֊ն կարծես ինքն իր և իր հույսերի հետ խոսելիս լիներ։― Դա, ախր, հաստատում է դատի մասին ունեցած իմ կարծիքը։ Ուրեմն, այս տեսակետից ևս անիմաստ է։ Նշանակում է, մի դահիճ կարող է ողջ ատյանին փոխարինե՞լ։ | ||
+ | |||
+ | ― Դուք ընդհանրացումներ անելու իրավունք չունեք։― Դժգոհ նկատեց նկարիչը։― Ես միայն իմ գիտեցած բաների մասին եմ խոսում։ | ||
+ | |||
+ | ― Ախր դա էլ բավական է։ Թե՞ Դուք ավելի վաղ ժամանականերում արդարացված լիենլու դեպքեր գիտեք։ | ||
+ | |||
+ | ― Նման արդարացումներ, համենայնդեպս, պետք է որ եղած լինեն։ Միայն թե այժմ շատ դժվար է պարզել դա։ Դատարանի վերջնական որոշումները չեն հրապարակվում, նրանք բնավ մատչելի չեն դատավորներին, այդ իսկ պատճառով հին դատական գործերի մասին միայն լեգենդներ են պահպանվել։ Դրանց մեջ լրիվ արդարացված լինելու մասին պատմությունները չափից դուրս շատ են։ Չի կարելի դրանց չհավատալ։ Ինչ ուզում է լինի, դրանք անտեսել չի կարելի։ Ճշմարտության հատիկ դրանք, անշուշտ, պարունակում են և շատ գեղեցիկ բաներ են։ Անձամբ ես մի քանի կտավներ եմ նկարել, որոնց հիմքում այդ լեգենդներն են ընկած։ | ||
+ | |||
+ | ― Դատարկ լեգենդները չեն կարող փոխել իմ կարծիքը։ Դատի ժամանակ, իհարկե, չի կարելի այդ լեգենդների վրա հիմնվել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, հնարավոր չէ։― Ծիծաղեց Տիտորելլին։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, այդ մասին խոսելն ավելորդ է։― Կ֊ն սկզբում ուզում էր համաձայնել նկարչի ասած ամեն մի խոսքի հետ, թեկուզ եթե դրանք մյուս խոսքերին հակասեին․ և ինքն ևս անհավանական համարեր։ Այժմ նկարչի ասածների ճիշտն ու սխալը ստուգելու կամ նրան առարկելու ժամանակը չէր։ Եթե կարողանար դրդել նկարչին, ինչ֊որ կերպ (ինչպես ուզում է լինի) օգնել իրեն, դրանով արդեն ամենակարևոր նպատակին հասած կլիներ։ Այդ պատճառով նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, արդարացումից ձեռք քաշենք։ Սակայն Դուք երկու հնարավորություն էլ հիշատակեցիք։ | ||
+ | |||
+ | ― Թվացյալ արդարացում և ձգձգում։ Միայն սրանց մասին է կարող խոսք լինել։ Սակայն, մինչև դրանց անցնելը, չէի՞ք ցանկանա, արդյոք, պիջակը հանել։ Հավանաբար շոգում եք։ | ||
+ | |||
+ | ― Այո,― ասաց Կ֊ն, որ մինչև այժմ նկարչի բացատրություններից բացի ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չէր դարձրել։ Այժմ, երբ նկարիչը հիշեցրեց շոգի մասին, նրա ճակատը կարծես միանգամից ծածկվեց քրտինքի առատ կաթիլներով։― Համարյա անտանելի է։ | ||
+ | |||
+ | Նկարիչը գլխով արեց։ Երևի հասկանում էր Կ֊ի դրությունը։ | ||
+ | |||
+ | ― Հնարավոր չէ՞պատուհանը բացել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Ապակին միաշերտ է և ամուր է հագցված։ Հնարավոր չէ։― Այժմ Կ֊ն զգաց, որ ամբողջ ժամանակ այդ հույսն էր փայփայել․ ինքը կամ նկարիչը անսպասելի կմոտենա պատուհանին և կբացի։ Նա արդեն նախապատրաստվել էր թեկուզ մառախուղը կուլ տալ լայն բացած բերանով, և մաքուր օդից կտրված լինելու միտքը այժմ գլխապտույտի պատճառ դարձավ։ Նա ձեռքը թեթևակի խփեց փետրաներքնակին և թույլ ձայնով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ախր անհնար է այսպես, և առողջարար էլ չէ։ | ||
+ | |||
+ | ― Օ, ոչ։― Իր սենյակը պաշտպանելով ասաց նկարիչը։― Թեև միայն մի շերտ ապակի է գցված, սակայն չբացվելու շնորհիվ ջերմությունը ներսում ավելի լավ է պահպանվում, քան եթե պատուհանը երկշերտ լիներ։ Օդափոխել ցանկանամ, կարող եմ դռներից մեկը կամ թեկուզ երկուսն էլ բացել։ Սակայն դա այնքան էլ անհրաժեշտ չէ, որովհետև գերանների ճեղքերից օդը միշտ ներթափանցում է։ | ||
+ | |||
+ | Այդ բացատրությունից փոքր֊ինչ մխիթարված Կ֊ն երկրորդ դուռը գտնելու նպատակով շուրջը նայեց։ Նկարիչը հասկացավ նրա հայացքի իմաստը։ | ||
+ | |||
+ | ― Ձեր թիկունքում է։ Մահճակալը դեմն եմ դրել։― Միայն այժմ Կ֊ն նկատեց պատմի մեջ բացված փոքր դուռը։ ― Իսկական արվեստանոցի համար այստեղ շատ նեղվածք է,― շարունակեց նկարիչը։ Նա կարծես ուզում էր կանխել Կ֊ի նախատինքը։― Ես ստիպված էի ընձեռված հնարավորություններից ելնելով տեղավորվել։ Մահճակալի տեղը դռան մոտ, իհարկե, այնքան էլ հարմար չէ։ Օրինակ, դատավորը՝ ում նկարում եմ այժմ, միշտ մահճակալի մոտի դռնով է ներս գալիս։ Մի բանալին ես նրան եմ տվել, որ եթե անգամ տանն էլ չլինեմ, կարողանա այստեղ սպասել իմ վերադարձին։ Բայց նա սովորաբար վաղ առավոտյան է գալիս, երբ ես դեռ քնած եմ լինում։ Մահճակալի մոտի դռան բացվելը ինչ խոսք, թեկուզ ինչքան էլ խորը քնած լինեմ, միշտ արթնացնում է։ Դուք կդադարեք հարգանք տածել այդ դատավորի հանդեպ, եթե լսեք նրան ուղղված իմ հայհոյանքները, երբ նա վաղ առավոտյան մահճակալի վրա է բարձրանում։ Ես կարող եմ բանալին վերցնել նրանից, բայց դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մի թեթև ուժ գործադրելու դեպքում այստեղ բոլոր դռները կարելիէ ծխնիներից պոկել։ | ||
+ | |||
+ | Մինչ նկարիչը պատմում էր, Կ֊ն մտածում էր, թե արդյոք պե՞տք է պիջակը հանել։ Ի վերջո նա հասկացավ, որ եթե չհանի, չի կարողանա երկար մնալ․ հանեց, դրեց ծնկներին, որ հենց զրույցը ավարտվեր, կրկին կարողանար հագնել։ Հազիվ էր նա պիջակը հանել, աղջնակներից մեկը բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Նա պիջակն էլ հանեց։ | ||
+ | |||
+ | Լսվեց, թե ինչպես նրանք խմբվեցին ճեղքերի շուրջը, որ կարողանան կատարվածը սեփական աչքերով տեսնել։ | ||
+ | |||
+ | ― Կարծում են, թե նկարելու եմ Ձեզ, և դրա համար եք հանվում։ | ||
+ | |||
+ | ― Այդպես ուրեմն,― միայն մի փոքր աշխուժացած ասաց Կ֊ն։ Այժմ նա թեև միայն ժիլետով էր նստած, բայց առաջվանից ավելի լավ չէր զգում իրեն։― Ինչպե՞ս էին կոչվում մյուս երկու հնարավորությունները։― Համարյա մրթմրթալով հարցրեց նա․ արդեն մոռացել էր արտահայտությունները։ | ||
+ | |||
+ | ― Թվացյալ արդարացում և ձգձգում։ Ձեզնից է կախված, թե սրանցից որը կընտրեք։ Երկուսից որն ուզում եք, կարող եմ օգնել։ Ճիշտ է, ոչ առանց չարչարանքի։ Այս տեսակետից տարբերությունն այն է, որ թվացյալ արդարացման համար ջանքերի ժամանակավոր ի մի բերում է պահանջվում, ձգձգման համար՝ ավելի պակաս, բայց՝ տևական։ Նախ, ուրեմն, թվացյալ արդարացման մասին։ Եթե Դուք այս ելքը ընտրելու լինեք, ապա թղթի մի թերթի վրա ես գրի կառնեմ Ձեր անմեղության հավաստումը։ Այդ տեքստի գրելաձևը հորիցս է մնացել և առարկություններ չի ընդունում։ Թուղթը ձեռքումս մի պտույտ կկատարեմ, կմտնեմ իմ ծանոթ դատավորների մոտ։ Մասնավորապես կսկսեմ նրանից, որ երեկոյան, երբ դատավորը այսօրվա կատարահերթին ներկայանա, թուղթը նրան կտամ։ Կներկայացնեմ, կբացատրեմ, որ անմեղ եք և կերաշխավորեմ Ձեր անմեղության համար։ Սակայն դա միայն ձևական երաշխիք չի լինի, այլ՝ իսկական և պարտավորեցնող։― Նկարչի աչքերում նախատինքանման արտահայտություն կար՝ կապված երաշխիքի ծանրությունը մի մարդու ուսերին թողնելու Կ֊ի ցանկության հետ։ | ||
+ | |||
+ | ― Շատ սիրալիր կլինի Ձեր կողմից։ Դատավորը կհավատա Ձեր փաստարկներին և, չնայած դրան, լրիվ չի՞ արդարացնի ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես ասացի, այնքան էլ վստահ չեմ, թե կարող է բոլորը հավատան ինձ։ Որոշ դատավորներ, օրինակ, կպահանջեն անձամբ Ձեզ տանել իրենց մոտ։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի մի անգամ ինձ հետ գալ։ Այնուամենայնիվ, նման դեպքերում գործը կիսով չափ շահած կլինենք, առավել ևս, որ նախօրոք կսովորեցնեմ, թե Ձեզ ինչպես պետք է պահեք տվյալ դատավորի մոտ։ Ավելի դժվար կլինի այն դատավորների հարցը (այդպես էլ կարող է լինել), որոնք առաջին իսկ րոպեից մերժեն ինձ։ Իհարկե, որքան էլ բոլոր հնարավոր ձևերը փորձելու լինեմ, դրանցից պետք է ձեռք քաշենք։ Դրա իրավունքն ունենք, որովհետև այս հարցում վճռական դերը առանձին դատավորներին չի պատկանում։ Եթե անմեղության հաստատման համար ստորագրությունների բավական քանակ հավաքեմ, ապա թուղթը ձեռքս կվերցնեմ և կգնամ հենց Ձեր գործով զբաղվող դատավորի մոտ։ Հնարավոր է, որ մինչ այդ նրան էլ ստորագրել տված լինեմ։ Այդ դեպքում գործը սովորականից ավելի արագ կընթանա։ Սովորաբար հետո ոչ մի արգելք չի մնում, և արդեն գալիս է մեղադրյալի առավելագույնս ինքնավստահ զգալու ժամը։ Ճիշտ եմ ասում․ այս շրջանում մարդիկ ավելի ինքնավստահ են, քան արդարացվելուց հետո։ Վերջում արդեն ոչ մի առանձնահատուկ ջանք գործարդելու կարիք չկա։ Դատավորների որոշ քանակության երաշխիքը Ձեր դատավորի ձեռքի տակ է, նա կարող է առանց այլևայլությունների արդարացնել Ձեզ և, տարբեր ձևականություններ վերջացնելուց հետո՝ ի սեր ինձ ու մի քանի այլ ծանոթների, անկասկած, այդպես էլ կվարվի։ Դուք դուրս կգաք դատարանից և ազատ կլինեք։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, ես ազա՞տ կլինեմ,― չհավատալով հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Այո,― հաստատեց նկարիչը։― Բայց թվացյալ կամ, ավելի ճիշտ՝ ժամանակավորապես։ Ստորին աստիճանակարգի դատավորները (իմ ծանոթները նրանց շարքից են) վերջնականապես ազատ արձակելու իրավունք չունեն։ Այդ իրավունքը միայն Ձեզ, ինձ և մյուս բոլորի համար անձեռնահաս գերագույն դատարանին է տրված։ Այնտեղ ինչ կա֊չկա, մենք տեղյակ չենք, և, ի դեպ ասեմ, չենք էլ ուզում իմանալ։ Մեր դատավորներն արդարացնելու մեծ արտոնությունից, ուրեմն, հեռու են, սակայն մեղադրանքը հեռացնելու իրավունք ունեն։ Այսինքն, եթե այդ ձևով արդարացված լինեք, տվյալ պահին մեղադրանքը կհանվի, բայց հետագայում դեռ կախված կլինի Ձեր գլխավերևում և բավական է վերևից հրաման գա, անմիջապես ուժի մեջ կմտնի։ Որովհետև ես այդքան լավ շփման մեջ եմ դատավորների հետ, կարող եմ ասել, թե գրասենյակների հարհանգներում լրիվ և թվացյալ արդարացումները զուտ ձևականորեն ինչպես են տարբերվում իրարից։ Առաջին արդարացման ժամանակ դատավարության արձանագրությունները պետք է ընդհանրապես մի կողմ թողնված լինեն։ Դրանք բոլորովին անհետանում են հարուցված գործի միջից։ Ոչ միայն մեղադրանքը, այլ նաև դատավարության և նունիսկ արդարացման փաստաթղթերն են ոչնչացվում։ Ոչնչացվում է ամեն ինչ։ Այլ է վիճակը թվացյալ արդարացման ժամանակ։ Արձանագրության մեջ անմեղության ապացույցը, արդարացումը և արդարացման հիմնավորումը ավելացնելուց բացի, ոչ մի փոփոխություն չի կատարվում, իսկ ընդհանրապես, հետաքննությունը մնում է ընթացքի մեջ և արձանագրությունը՝ ինչպես դատարանի գրասենյակների անընդհատ շարժում֊շրջապատույտն է պահանջում, կներկայացվի վերադաս դատարաններին, կվերադառնա ենթադաս մարմինների ձեռքը և այդպես մեծ ու փոքր տատանումներով, մեծ ու փոքր դադարներով կշարժվի վերև֊ներքև։ Շարժման ընթացքը հնարավոր չէ կանխատեսել։ Կողքից նայողին կարող է թվալ, թե ամեն ինչ վաղուց մոռացվել է, արձանագրությունը կորել է, և արդարացումը վերջնական է։ Գործին տեղյակ մարդը այդպես չի մտածի։ Ոչ մի արձանագրություն չի կորչում, դատարանում ոչինչ մոռացության չի մատնվում։ Օրերից մի օր դատավորներից մեկը բոլորի համար անսպասելի կվերցնի գործը, ավելի ուշադիր կկարդա, կնկատի, որ դեպքերից մեկի համար մեղադրանքը դեռ առկա է, և կկարգադրի անհապաղ ձերբակալել։ Այս բացատրության ժամանակ ես ենթադրեցի, թե արդարացվելու և կրկին ձերբակալվելու արանքում բավական ժամանակ է ընկնում։ Այդ կարող է լինել, և նման դեպքեր հայտնի են ինձ, սակայն նույնքան հնարավոր է նաև, որ արդարացվածը դատարանից տուն դառնա, իսկ այնտեղ սպասեն նրան՝ նորից ձերբակալելու հանձնարարությամբ։ Դրանից հետո ազատ ապրելակերպին, ինչ խոսք, վերջ է տրվում։ | ||
+ | |||
+ | ― Եվ դատավարությունը սկզբի՞ց է ընթացք առնում։― Կ֊ն չէր կարողանում հավատալ։ | ||
+ | |||
+ | ― Դատավարությունը նորից է սկսվում, սակայն առաջվա նման թվացյալ արդարացում ձեռք բերելու հնարավորությունը կրկին կա։ Անհրաժեշտ է հավաքել բոլոր ուժերը և չպետք է հանձնվել։― Այս վերջին նկատողությունը նկարիչը հավանաբար կուչ եկած֊նստած Կ֊ի տեսքի թողած ազդեցության տակ արեց։ | ||
+ | |||
+ | ― Իսկ արդյոք երկրորդ արդարացումը ձեռք բերելը ավելի դժվար չէ՞, քան առաջինը։― Կ֊ն այնպիսի տոնով հարցրեց, կարծես ուզում էր նկարչի հնարավոր բացատրությունները կանխել։ | ||
+ | |||
+ | ― Այդտեղ արդեն որոշակի ոչինչ ասել հնարավոր չէ։ Հավանաբար ուզում եք իմանալ, թե դատավորները երկրորդ ձերբակալության վճիռն ընդունելով ոչ ի շահ մեղադրյալի չե՞ն տրամադրվի։ Ոչ։ Հենց արդարացնելու ժամանակ դատավորները հաջորդ ձերբակալությունը նկատի ունենում են։ Այդ հանգամանքը ոչ մի ազդեցություն չի թողնում։ Իհարկե, հնարավոր է, որ անթիվ այլ պառճառներով դատավորների տարամադրությունը, ինչպես նաև գործի գնահատման իրավաբանական կողմը փոխվի, այդ դեպքում երկրորդ արդարացումը ստանալու համար ջանքերն արդեն պետք է փոփոխված հանգամանքներին համապատասխանեցվեն և ընդհանուր առմամբ պետք է նույնքան եռանդուն լինել, որքան մինչև առաջին արդարացումը։ | ||
+ | |||
+ | ― Բայց երկրորդ արդարացումն էլ վերջնական չէ։― Կ֊ն օրորեց գլուխը։ | ||
+ | |||
+ | Իհարկե՝ ոչ։ Երկրորդ արդարացմանը հաջորդում է երրորդ ձերբակալումը, երրորդ արդարացմանը՝ չորրորդ ձերբակալումը և այսպես շարունակ։ Հենց դա է ընկած թվացյալ արդարացման հիմքում։ Թվացյալ արդարացումը պարզ երևում է, որ ձեռնտու չէ Ձեզ,― ասաց նկարիչը, նկատելով, որ Կ֊ն ոչինչ չի խոսում։― Գուցե ձգձգումը գերադասեք։ Բացատրե՞մ ձգձգման էությունը։ | ||
+ | |||
+ | Կ֊ն գլխով արեց։ Նկարիչը նստել էր բազկաթոռի մեջ ետ ընկած, շապիկի կուրծքը բաց էր, մի ձեռքը շապիկի տակ էր մտցրել և շարժում էր կողերի ու կրծքի վրայով։ | ||
+ | |||
+ | ― Ձգձգումը․․․― Նկարիչը մի պահ լռեց ու նայեց դիմացը, կարծես ավելի համապատասխանող բացատրություն էր փնտրում։― Ձգձգման էությունն այն է, որ դատավարությունը երկար ժամանակով ամենաստորին շրջանում է պահվում։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ մեղադրյալը և նրան օգնողը, հատկապես՝ օգնողը, դատարանի հետ անընդհատ, անմիջական կապ ունենան։ Կրկնում եմ, այս գործն այդքան եռանդ չի պահանջում, ինչպես թվացյալ արդարացումը, սակայն այստեղ ավելի մեծ ուշադրություն է անհրաժեշտ։ Չի կարելի դատավարությունը աչքից բաց թողնել, պետք է կանոնավոր կերպով, դրանից բացի՝ ամեն մի արտասովոր առիթով, գնալ համապատասխան դատավորի մոտ և ամեն կերպ փորձել բարեհաճ տրամադրել նրան։ Եթե դատավորի հետ անձնական ծանոթություն չկա, պետք է ծանոթ որևէ դատավորի խնդրել, որ ներգործի նրա վրա՝ առանց այդ պատճառով անմիջական քննարկումները դադարեցնելու իրավունքի։ Այս տեսակետից մարդ ոչինչ չի կորցնում և կարող է բավական վստահ լինել, որ դատավարությունն իր առաջին շրջանից այն կողմ չի անցնի։ Թեև գործը չի դադարեցվի, սակայն մեղադրյալը դատավճռից այնքան է ապահով, որ թվում է, թե ազատ է։ Ի տարբերություն թվացյալ արդարացման, ձգձգումը մի առավելություն ունի․ մեղադրյալի ապագան պակաս անորոշ է, նա զերծ է մնում հանկարծահաս ձերբակալման սարսափներից և չեպտք է վախ ունենա՝ ինչպես թվացյալ արդարացման ժամանակ, երբ պաշտպանության պատճառելիք ջանքերն ու հուզմունքները ստանձնելու համար մեղադրյալի վիճակը այնքան էլ նպաստավոր չէ։ Մեղադրյալի համար, թերևս, ձգփգումն էլ իր թերի կողմերն ունի, և դրանք չպետք է անտեսվեն։ Ես բոլորովին չեմ ուզում ասել, թե մեղադրյալը երբեք չի ազատվում։ Ոչ։ Թվացյալ արդարացման ժամանակ ևս այդպես է։ Թերությունըւ մի այլ հարցում է․ առանց անհրաժեշտ, գոնե ձևական պատճառների, դատավարությունը չի կարող կանգ առնել։ Դրա համար դատավարության ընթացքում անպայման ինչ֊որ բաներ պետք է կատարվեն։ Այսինքն, ժամանակ առ ժամանակ պետք է տարբեր կարգադրություններ արվեն, մեղադրյալը պետք է հարցաքննվի, նախնական քննություն պետք է կատարվի և այլն։ Դատավարությունը շարունակ պետք է պտտվի արհեստականորեն ստեղծված փոքր շրջանակի մեջ։ Դա, իհարկե, մեղադրյալին որոշ դժվարություններ է պատճառում, որոնք, սակայն, նորից չպետք է պատկերացնեք շատ թանձր գույներով։ Ախր ամեն ինչ ձևական բնույթ է կրում։ Հարցաքննություններն, օրինակ, շատ կարճ են տևում, և, եթե գալու ցանկություն կամ ժամանակ չլինի, մեղադրյալն իրավունք ունի ներողություն խնդրել, որոշ դատավորների հետ նախօրոք կարելի է համատեղ, երկարաժամկետ կարգադրագիր կազմել։ Ըստ էության, խոսքն այն մասին է, որ մարդը՝ մեղադրյալի վիճակով պարտադրված, պետք է ժամանակ առ ժամանակ դատավորի մոտ ներկայանա։ | ||
+ | |||
+ | Արդեն վերջին խոսքերը լսելիս Կ֊ն պիջակը թևին էր գցել և վեր կացել։ | ||
+ | |||
+ | ― Նա վեր է կենում արդեն,― իսկույն լսվեց դրսից։ | ||
+ | |||
+ | ― Դուք գնա՞լ եք ուզում։― Նկարիչը նույնպես ոտքի ելավ։― Ձեր այստեղից գնալու պատճառը, հաստատ, օդն է միայն։ Շատ եմ ցավում։ Ես որոշ բաներ էլ կարող էի հայտնել, մինչդեռ ստիպված էի շատ բան կրճատել։ Սակայն, հույս ունեմ, որ հասկացաք ինձ։ | ||
+ | |||
+ | ― Օ, այո,― ասաց Կ֊ն։ Նկարչի պատմությունները լսելու ջանքերից նրա գլուխը ցավում էր։ Չնայած Կ֊ի հավաստիացմանը, նկարիչը, կարծես ձգտելով տունդարձի ճանապարհին մխիթարվելու որևէ հնարավորություն տալ, մի անգամ ևս ընդհանրացնելով իր պատմածները, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Երկու ձևի համար էլ ընդհանուրն այն է, որ նրանք խանգարում են մեղադրյալի հանդեպ դատավճիռ հանելուն։ | ||
+ | |||
+ | ― Սակայն նրանք թույլ չեն տալիս նաև լրիվ արդարացնել։― Ցածրաձայն, կարծես ամաչելով այդ բանը նկատած լինելուց, ասաց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Ամենակարևոր բանը Դուք հասկացել եք,― արագ ասաց նկարիչը։ Կ֊ն ձեռքը դրեց վերարկուի վրա, սակայն վճառկանորեն չէր կարող պիջակը հագնել։ Ավելի շուտ, նա ուզում էր դրանք ձեռքը վերցնել և դուրս գալ։ Աղջնակները, թեև դռան հետևում շտապեցին բացականչել, թե նա հագնվում է, նույնպես չէին կարող պիջակն ու վերարկուն արվեստանոցում հագնելուն տրամարդել։ Նկարչի համար կարևորն հասկանալն էր, թե ինչպիսի՞ն է Կ֊ի կարծիքը, այդ պատճառով նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Իմ առաջարկների կապակցությամբ հավանաբար դեռ ոչինչ չեք որոշել։ Ես հավանություն եմ տալիս դրան և նույնիսկ խորհուրդ կտայի անմիջապես չվճռել ոչինչ։ Առավելություններն ու թերությունները շատ խաբուսիկ են։ Ամեն ինչ լավ քննել է պետք, բայց և չպետք է շատ ժամանակ կորցնել։ | ||
+ | |||
+ | ― Ես շուտով կգամ։― Կ֊ն անսպասելի վճռականությամբ հագավ պիջակը, վերարկուն գցեց ուսերին և շտապեց դռան կողմը։ Աղջնակներն այնտեղ սկսեցին աղմկել։ Կ֊ին թվաց, թե դռան միջով տեսնում է երեխաներին։ | ||
+ | |||
+ | ― Սակայն պետք է Ձեր խոսքի տերը լինեք։― Նկարիչը մնացել էր տեղում կանգնած։― Թե չէ տեղեկանալու համար ես ինքս բանկ կգամ։ | ||
+ | |||
+ | ― Բացեք դուռը,― ասաց Կ֊ն և քաշեց սողնակը․ ինչպես դիմադրությունից եզրակացրեց, երեխաները բռնել էին դրսից։ | ||
+ | |||
+ | ― Ուզում եք, որ նրանք կա՞խ ընկնեն Ձեզնից։ Ավելի լավ է այս ելքից օգտվեք։― Նկարիչը ցույց տվեց մահճակալի հետևի դուռը։ Կ֊ն համաձայն էր և ետ եկավ։ Սակայն դուռը բացելու փոխարեն նկարիչը մահճակալի տակ մտավ և այնտեղից հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Եվս մի րոպե։ Չէի՞ք ցանկանա նայել այս մի նկարը։ Ուզում եմ Ձեզ վաճառել այն։ | ||
+ | |||
+ | Կ֊ն չէր ուզում անքաղաքավարի լինել։ Նկարիչն իսկապես ձեռնամուխ էր եղել գործին, խոստացել էր օգնել։ Իր մոռացկոտության պատճառով Կ֊ն դեռ չէր խոսել օգնության վարձի մասին, այդ պատճառով այժմ չէր կարող մերժել նրան ու, թեև արվեստանոցից հեռանալու անհամբերությունից դողում էր, սպասեց։ Նկարիչը մահճակալի տակից անշրջանակ նկարների մի ամբողջ կույտ հանեց։ Դրանք փոշու այնպիսի հաստ շերտով էին ծածվկած, որ երբ Տիտորելլին ամենավերևի կտավի վրայից փչեց, փոշին երկար ժամանակ պար էր գալիս շունչը պահած Կ֊ի աչքերի առաջ։ | ||
+ | |||
+ | ― Մարգագետնի տեսարան է։― Նկարիչը Կ֊ին պարզեց կտավը, ուր մուգ կանաչով շրջապատված, իրարից բավական հեռու աճած երկու բարալիկ ծառեր էին պատկերված։ Երկրորդ պլանում բազմերանգ մայրամուտն էր։ | ||
+ | |||
+ | ― Լավ։ Վերցնում եմ։― Կ֊ն անմտածված ձևով կարճ արտահայտվեց և գոհ էր, որ նեղանալու փոխարեն նկարիչը երկրորդ նկարը բարձրացրեց հատակից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ սա այս կտավի տարբերակն է։― Թող նկարիչը տարբերակ անվաներ, սակայն երկրորդ կտավը հնարավոր չէր առաջինից ոչ մի կերպ տարբերել․ նույն ծառերն էին, խոտը և մայրամուտը։ Բայց Կ֊ի համար դա այնքան էլ կարևոր չէր։ | ||
+ | |||
+ | ― Գեղեցիկ տեսարաններ են։ Երկուսն էլ կվերցնեմ ու կկախեմ իմ գրասենյակում։ | ||
+ | |||
+ | ― Կարծեք թեման դուր է գալիս Ձեզ։ Ինչ լավ է, որ նման մի ուրիշ նկար էլ ունեմ։― Տիտորելլին երրորդը բարձրացրեց, սակայն նկարները ոչ թե նման էին, այլ ավելի շուտ նույն տեսարաններն էին։ Նկարիչը կտավները վաճառելու առիթը ձեռքից բաց չթողեց։ | ||
+ | |||
+ | ― Դա էլ եմ վերցնում։ Ի՞նչ արժեն երեքը միասին։ | ||
+ | |||
+ | ― Հաջորդ անգամ կխոսենք։ Դուք այժմ շտապում եք, բայց մենք կհանդիպենք դեռ։ Համենայնդեպս, ուրախ եմ, որ նկարները դուր եկան Ձեզ, և այս երեքի հետ կտամ այստեղ եղած բոլոր կտավները։ Դրանք միայն բնանկարներ են․ ես այդպիսի տեսարաններ շատ եմ նկարել։ Ոմանք նման կտավներ չեն գնում, որովհետև շատ մռայլ երագներով են արված, մյուսները, սակայն (Դուք ևս նրանց շարքին եք դասվում), հենց այդպիսի նկարներ են սիրում։ | ||
+ | |||
+ | Սակայն Կ֊ն մուրացիկ֊նկարչի մասնագիտական մեկնաբանությունները լսելու մտադրություն չուներ։ | ||
+ | |||
+ | ― Փաթաթեք բոլոր նկարները։― Նարչի խոսքն ընդհատելով, բացականչեց նա։― Վաղը կգա իմ սպասավորը և կվերցնի դրանք։ | ||
+ | |||
+ | ― Կարիք չկա։ Հուսով եմ, անմիջապես Ձեզ հետ գալու համար մի բեռնակիր կգտնեմ։― Վերջապես նա խոնարհվեց մահճակալի վրա և բացեց դուռը։― Առանց քաշվելու բարձրացրեք մահճակալին։ Այստեղ եկող ամեն ոք այդպես է վարվում։ | ||
+ | |||
+ | Նույնիսկ առանց հրավերի էլ Կ֊ն ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնի։ Նա մի ոտքն արդեն դրել էր փետրաներքնակի մեջտեղը, երբ բաց դռնով դուրս նայեց ու կրկին հետ քաշեց ոտքը։ | ||
+ | |||
+ | ― Սա ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն է զարմացնում Ձեզ։― Իր հերթին նկատեց Տիտորելլին։― Դատարանային գրասենյակներն են։ Չգիտե՞ք, որ այստեղ գրասենյակներ կան։ Ախր դատարանային գրասենյակներ կան համարյա բոլոր ձեղնահարկերում։ Ինչո՞ւ այստեղ չպետք է լինեն։ Իմ արվեստանոցը նույնպես դրանց է պատկանում․ դատարանն է իմ տրամադրությնա տակ դրել։ | ||
+ | |||
+ | Կ֊ին սարսափեցնողը ոչ այնքան այստեղ ևս դատարանի գրասենյակ տեսնելու հանգամանքն էր, որքան հենց ինքը, դատարանային գործերում իր անտեղյակությունը։ Եվ որպես մեղադրյալի վարքի հիմնական կանոն, նրա համար պարզ դարձավ, որ միշտ պետք է ամեն ինչի պատրաստ լինի, երբեք չպետք է թույլ տա, որ անակնկալի բերեն իրեն, ոչինչ չհասկացող հայացքով չպետք է աջ նայի, երբ դատավորը ձախ կողմում է կանգնած։ Սակայն նա շարունակ այդ հիմնական օրենքին էր բախվում։ | ||
+ | |||
+ | Նրա դիմաց լայն միջանցքն էր բացված, և այնտեղից այնպիսի օդ էր փչում, որ դրա հետ համեմատած, արվեստանոցինը շատ ավելի թարմ էր։ Նստարաններ էին դրված միջանցքի երկու կողմերում, ձեղնահարկն այստեղ ոչնչով չէր տարբերվում արդեն տեսած ձեղնահարկից։ Երևում էր, որ գրասենյակների կահավորման համար հատուկ հրահանգավորում կար։ Այս պահին դատական գործ ունեցողների անցուդարձը այնքան էլ աշխույժ չէր։ Մի մարդ նստել էր կիսապառկած, դեմքը նստարանին հենած ձեռքերի ափերի մեջ առած։ Ըստ երևույթին նա քնած էր։ Մեկ ուրիշը կանգնած էր կիսամութի մեջ՝ միջանցքի հակառակ ծայրում։ Կ֊ն բարձրացավ մահճակալին, նկարները ձեռքն առած նկարիչը հետևեց նրան։ Շուտով նրանք դատարանի կատարածուներից մեկին հանդիպեցին․ հագած քաղաքացիական կոստյումի մյուս կոճակների շարքում կարված ոսկեփայլ կոճակի շնորհիվ Կ֊ն արդեն տարբերում էր նրանց։ Տիտորելլին կատարածուի պատվիրեց նկարները վերցնել և ուղեկցել Կ֊ին։ Կ֊ն ավելի շուտ երերում էր, քան քայլում, թաշկինակը բերանին էր սեղմել։ Նրանք արդեն մոտ էին ելքին, երբ ընդառաջ հորդեցին աղջնակները․ Կ֊ն ևս չխուսափեց նրանցից։ Նրանք հաստատ տեսել էին, որ արվեստանոցի երկրորդ դուռն է բացվել և այդ կողմից ներս խցկվելու համար շրջանցիկ ճանապարհով էին եկել։ | ||
+ | |||
+ | ― Ես այլևս չեմ կարող ուղեկցել Ձեզ։― Երեխաների ճնշմանը ծիծաղելով դիմակայելով ասաց նկարիչը։― Ցտեսություն և շատ երկար մի մտածեք։ | ||
+ | |||
+ | Կ֊ն չշրջվեց նույնիսկ։ Փողոցում նա կանգնեցրեց առաջին պատահած կառքը։ Կատարածուից շուտ ազատվելը շատ կարևոր էր նրա համար, որովհետև ոսկեգույն կոճակը, թեև ուրիշ ոչ ոք չէր նկատում այն, անդադար աչքերի առաջ էր գալիս։ Կատարածուն պատրաստակամորեն ուզեց կառապանի կողքը նստել, սակայն Կ֊ն նրան այնտեղից քշեց։ | ||
+ | |||
+ | Ճաշի ժամը վաղուց արդեն անցել էր, երբ Կ֊ն բանկ հասավ։ Նա մեծ հաճույքով նկարները կառքում կթողներ, վախեցավ, սակայն, որ առիթի դեպքում ստիպված կլինի նկարիչն ցույց տալ։ Հետո նա կարգադրեց կտավները գրասենյակ տանել և դրանք փակեց գրասեղանի ամենաստորին գզրոցում, որ գոնե մոտ օրերոս հեռու պահեր տնօրենի տեղակալի աչքից։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Վաճառական Բլոկը։ Փաստաբանի լուծարքը== | ||
+ | |||
+ | Վերջապես Կ֊ն վճռեց փաստաբանից վերցնել գործի պաշտպանությունը։ Թեև արարքի արդարացիության վերաբերյալ կասկածները չէր կարելի ժխտել, սակայն անհրաժեշտ համոզվածությունն ավելի մեծ էր։ Այն օրը, երբ Կ֊ն մտադիր էր գնալ դոկտոր Հուլդի մոտ, այդ վճիռը շատ ուժ խլեց նրանից․ նա ընդգծված դանդաղկոտությամբ էր աշխատում, անհրաժեշտ եղավ շատ երկար մնալ գրասենյակում, և ժամը տասն անց էր արդեն, երբ վերջապես կանգնեց փաստաբանի դռան առաջ։ Նախքան զանգի կոճակը սեղմելը նա մտածեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի հեռախոսով տեղեկացնել հրաժարականի մասին․ երես առ երես խոսելը, անշուշտ, շատ դժվար կլիներ։ Այնուամենայնիվ, նա չուզեց ետ կանգնել իր որոշումից, ցանկացած դեպքում հրաժարվելը պետք է ընդունվեր անձայն կամ մի քանի անկարևոր բառերով, և, եթե հետո Լեննիից որոշ բաներ տեղեկանալու չլիներ, Կ֊ն երբեք չէր իմանա, թե փաստաբանն ինչպես է ընդունել լուծարքը և, ըստ նրա ոչ այնքան անկարևոր կարծիքի, ինչ հետևանք կարող էր ունենալ դա Կ֊ի համար։ Եթե փաստաբանը այդ նորությունից անակնկալի եկած նստեր, թեկուզ նրա տեսքը թույլ էլ չտար շատ բան կռահել, նրա դեմքից ու շարժուձևերից Կ֊ն հեշտ կկարողանար որսալ անհրաժեշտ բաները։ Բացառված չէր նույնիսկ, որ փաստաբանը համոզեր, ասեր, թե լավ կլինի իրեն վստահել պաշտպանությունը և ետ կանգնել հրաժարվելուց։ | ||
+ | |||
+ | Փաստաբանի դռան առաջին զանգը՝ ինչպես միշտ, անպատասխան մնաց։ | ||
+ | |||
+ | «Լեննին կարող էր և ավելի արագաշարժ լինել»,― մտածեց Կ֊ն, սակայն այն հանգամանքը, որ առաջին անգամվա պես ուրիշ մարդ միջամտեց, արդեն մի բան նշանակում էր, թե չէ կամ գիշերազգեստ հագած տղամարդն էր գլուխ տանում, կամ ուրիշ մեկը։ Երկորրդ անգամ զանգի կոճակը սեղմելիս Կ֊ն դիմացի դռան կողմը նայեց։ Այս անգամ սա էլ էր փակ։ Ի վերջո փաստաբանի դռան դիտանցքի մեջ երկու աչք հայտնվեց, բայց դրանք Լեննիի աչքերը չէին։ Մեկը քաշեց սողնակը, սակայն կռթնեց դռանն ու ձայն տվեց․ | ||
+ | |||
+ | ― Նա է։ | ||
+ | |||
+ | Հետո միայն բացեց։ Կ֊ն հրեց, որովհետև լսեց թիկունքում գտնվող բնակարանի դռան կողպեքի մեջ բանալու արագ պտտվելը։ Երբ փաստաբանի դուռը վերջապես բացվեց, նա պարզապես ներս ընկավ նախասենյակ ու նկատեց երկու սենյակների միջև ձգվող միջանցքով շապկանց փախչող Լեննիին․ զգուշացնող կանչը նրան էր վերաբերում։ Կ֊ն միայն մի պահ նայեց նրա հետևից ու շրջվեց դուռը բացողի կողմը։ | ||
+ | |||
+ | ― Դուք այստե՞ղ եք աշխատում։ | ||
+ | |||
+ | ― Այս տան մեջ ես օտար մարդ եմ։ Փաստաբանն իմ ներկայացուցիչն է, դատարանի հետ առնչվող գործերով եմ եկել։ | ||
+ | |||
+ | ― Առանց պիջակի՞։― Կ֊ն ձեռքի շարժումով ցույց տվեց դիմացինի ոչ լրիվ հանդերձանքը։ | ||
+ | |||
+ | ― Ախ, ներեցեք, խնդրեմ։― Մարդը ձեռքի մոմով լուսավորեց ինքնիրեն, կարծես առաջին անգամ էր տեսնում իր վիճակը։ | ||
+ | |||
+ | ― Լեննին Ձեր սիրուհի՞ն է,― կարճ հարցրեց Կ֊ն։ Նա ոտքերը փոքր֊ինչ չռված էր դրել, ձեռքերը (գլխարկը ձեռքում էր) դարսել էր մեջքին։ Արդեն այն հանգամանքը, որ ինքը հաստ վերարկուով է, թվաց, թե իր վիճակը ավելի նախընտրելի է դարձնում նիհարակազմ մարդուկից։ | ||
+ | |||
+ | ― Աստված իմ։― Վախից կարկամած կարճահասակը ձեռքն ի պաշտպանությունը պահեց դեմքին։― Ո՛չ, ո՛չ։ Այդ ի՞նչ եք մտածում։ | ||
+ | |||
+ | ― Ձեր տեսքը հավատ է ներշնչում,― ժպտաց Կ֊ն։― Այնուամենայնիվ, եկեք։― Նա գլխարկով նշան արեց և թույլ տվեց, որ մարդուկն առաջ անցնի։― Իսկ ինչպե՞ս է Ձեր անունը։ | ||
+ | |||
+ | ― Բլոկ։ Վաճառական Բլոկ։― Ներկայանալու ժամանակ կարճահասակը շուռ եկավ Կ֊ի կողմը, բայց վերջինս չթողեց, որ նա կանգնի։ | ||
+ | |||
+ | ― Դա Ձեր իսկակա՞ն անունն է։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե։ Իսկ ինչո՞ւ եք կասկածում։ | ||
+ | |||
+ | ― Թվաց, թե Դուք կարող եք անունը թաքցնելու պատճառ ունենալ։― Կ֊ն իրեն այնպես անկաշկանդ էր զգում, ինչպես սովորաբար օտար վայրում ավելի ցածրաստիճան մարդկանց հետ խոսելիս են լինում․ սեփական անձին վերաբերող ամեն ինչ գաղտնի են պահում, անտարբեր տոնով մյուսների գործերով են հետաքրքրվում, նման վարվելաձևով նրանց իրենցից վեր են դասում, բայցև ուզած դեպքում կարող են ներքև գցել։ | ||
+ | |||
+ | Փաստաբանի աշխատասենյակի մոտ Կ֊ն կանգնեց, բացեց դուռը և կանչեց խոնարհաբար առաջ գնացած վաճառականին։ | ||
+ | |||
+ | ― Մի շտապեք։ Այստեղ լուսավորեք։― Նա կարծում էր, թե Լեննին կարող էր այնտեղ թաքնված լինել․ վաճառականին ստուգել տվեց բոլոր անկյունները, սակայն սենյակը դատարկ էր։ Դատավորի նկարի մոտ Կ֊ն տաբատակալերից բռնած կանգնեցրեց վաճառականին։ | ||
+ | |||
+ | ― Ճանաչո՞ւմ եք սրան։― Նա ցուցամատը վեր պարզեց։ Վաճառականը բարձրացրեց մոմն ու աչքերը կկորցելով նայեց։ | ||
+ | |||
+ | ― Դատավոր է։ | ||
+ | |||
+ | ― Բարձրաստիճա՞ն։― Կ֊ն անկյան տակ կանգնեց վաճառականի դիմաց, որ զններ նկարի՝ դիմացինի վրա թողած ազդեցությունը։ Վաճառականը զարմանքով վեր էր նայում։ | ||
+ | |||
+ | ― Բարձրաստիճան դատավոր է։ | ||
+ | |||
+ | ― Դուք այնքան էլ լավ տեղեկացված չեք։ Սա ամենափոքր քննիչն է բոլոր քննիչների մեջ։ | ||
+ | |||
+ | ― Հիմա հիշեցի։― Վաճառակաը իջեցրեց մոմը։― Ես էլ էի լսել այդ մասին։ | ||
+ | |||
+ | ― Բա ո՞նց,― բացականչեց Կ֊ն։― Ես մոռացել էի։ Դուք, իհարկե, պետք է որ արդեն լսած լինեիք։ | ||
+ | |||
+ | ― Բայց, ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ,― հարցրեց վաճառականը, երբ Կ֊ն քաշելով նրան դեպի դուռը տարավ։ | ||
+ | |||
+ | ― Դուք հաստատ գիտե՞ք, թե որտեղ է թաքնվել Լեննին,― արդեն միջանցքում հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Թաքնվե՞լ,― զարմացավ վաճառակաը։― Ոչ, նա պետք է խոհանոցում փաստաբանի համար ապուր եփելիս լինի։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ անմիջապես չասացիք։ | ||
+ | |||
+ | ― Ես, ախր, ուզեցի Ձեզ այնտեղ ուղեկցել, բայց Դուք ինձ ետ կանչեցիք։― Վաճառակաը կարծես շփոթված լիներ իրար հակասող հրամաններից։ | ||
+ | |||
+ | ― Ձեզ թվում է, թե շատ խորամանկն եք։ Ուղեկցեք ինձ։― կ֊Ն դեռ երբեք չէր եղել խոհանոցում։ Այն անսովոր մեծ էր և հարուստ կահավորվում ուներ․ հենց միայն սալօջախը երեք անգամ մեծ էր սովորականից։ Մյուս իրերը հնարավոր չէր մանրամասն զննել, որովհետև մենակ մի փոքր լամպ էր լուսավորում խոհանոցը, և այլն էլ դռան մոտ էր կախված։ Սովորականի պես, սպիտակ գույնի գոգնոցը կապած Լեննին կանգնել էր օջախի մոտ և սպիրտայրոցի վրա դրած կաթսայի մեջ ձու էր կոտրում։ | ||
+ | |||
+ | ― Բարի երեկո, Յոզեֆ,― մի պահ գործից կտրվելով, ողջունեց նա։ | ||
+ | |||
+ | ― Բարի երեկո,― Կ֊ն ձեռքով ցույց տվեց փոքր֊ինչ հեռու դրված բազկաթոռը, ուր պետք է նստեր վաճառականը։ Վերջինս այդպես էլ վարվեց, մինչդեռ Կ֊ն թիկունքի կողմից մոտեցավ Լեննիին ու կռացավ նրա ուսին․ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է այս մարդը։ | ||
+ | |||
+ | Լեննին մի ձեռքով գրկեց Կ֊ին (մյուսով շարունակ ապուրն էր խառնում), քաշեց իր կողմն ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Կարեկցանքի արժանի մարդ է, մի խեղճ վաճառական։ Ոմն Բլոկ։ Հապա միայն նրան նայիր։ | ||
+ | |||
+ | Երկուսով միաժամանակ ետ նայեցին։ Վաճառականը նստել էր բազկաթոռին, ուր Կ֊ն էր մատնացույց արել։ Նա փչել֊հանգցրել էր մոմը, որի լույսն այժմ ավելորդ էր, և ծուխը կտրելու նպատակով պատրույգն էր սեղմում։ | ||
+ | |||
+ | ― Դու շապկանց էիր,― ասաց Կ֊ն և Լեննիի գլուխը ձեռքով շուռ տվեց օջախի կողմը․ վերջինս ձայն չհանեց։― Նա քո սիրեկա՞նն է,― հարցրեց Կ֊ն, երբ Լեննին ոչինչ չպաստասխանեց։ Սպասուհին ուզեց ձեռքը կաթսայի կողմը մեկնել, բայց Կ֊ն բռնեց,― պատասխանի՛ր։ | ||
+ | |||
+ | ― Գնանք աշխատասենյակ, այնտեղ ամեն ինչ կբացատրեմ։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ, ես ուզում եմ, որ այստեղ խոսես։ | ||
+ | |||
+ | Լեննին կախվեց նրա պարանոցից, ուզեց համբուրել, բայց Կ֊ն ետ մղեց։ | ||
+ | |||
+ | ― Չեմ ուզում, որ հիմա էլ ինձ համբուրես։ | ||
+ | |||
+ | ― Յոզեֆ։― Լեննին Կ֊ին նայեց։ Նրա հայացքում խնդրանք կար, բայց ուղիղ աչքերի մեջ էր նայում։― Դու չպետք է պարոն Բլոկին խանդես։ Ռուդի։― Վաճառականի կողմը շուռ եկավ նա։― Օգնիր։ Տեսնո՞ւմ ես, ինձ կասկածում են։ Թող մոմը։ | ||
+ | |||
+ | Կարելի էր ենթադրել, թե վաճառակաը ոչինչ չի լսել, բայց իրականում նա հետևում էր խոսակցությանը։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչո՞ւ պետք է խանդեք։― Նրա խոսքերը հազիվ թե հնարամտություն լինեին։ | ||
+ | |||
+ | ― Անկեղծ ասած, ես էլ չգիտեմ,― ասաց Կ֊ն ու ժպտալով նայեց վաճառականին։ Լեննին բարձր ծիծաղեց և, օգտվելով Կ֊ի անուշադրությունից, թևն ընկավ։ | ||
+ | |||
+ | ― Հանգիստ թող,― շշնջաց նա։― Ախր տեսնում ես, թե ինչպիսի մարդ է։ Ես մի թեթև հոգ տարա նրա մասին, որովհետև փաստաբանի կարևոր այցելուներից է։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Իսկ դո՞ւ։ Հենց այսօ՞ր ես ուզում խոսել դոկտոր Հուլդի հետ։ Նրա վիճակը շատ վատ է, բայց եթե ուզում ես, կհայտնեմ քո մասին։ Իսկ գիշերը կմնաս ինձ մոտ, այդ մեկը հաստատ է։ Արդեն վաղուց չես եղել ինձ մոտ։ Դոկտոր Հուլդն անձամբ քո մասին էր հարցնում։ Անուշադրության մի մատնիր դատը։ Ես էլ եմ որոշ բաներ իմացել և պետք է հայտնեմ քեզ։ Դե, իսկ այժմ նախ վերարկուդ հանիր։ | ||
+ | |||
+ | Նա օգնեց Կ֊ին հանել վերարկուն, վերցրեց գլխարկը, դրանք տարավ նախասենյակ, կախեց, ետ եկավ ու ապուրին նայեց։ | ||
+ | |||
+ | ― Քո գալը հայտնե՞մ, թե՞ ապուրը տանեմ։ | ||
+ | |||
+ | ― Առաջ իմ մասին տեղեկացնում։― Կ֊ն գրգռված էր։ Սկզբում նա մտադիր էր եղել Լեննիի հետ մանրամասն քննարկել իր գործը, հետկապես հնարավոր հրաժարականը, սակայն վաճառականի այստեղ գտնվելու հանգամանքը վերացրեց առանձին խոսելու ցանկությունը, իսկ հետո նա նորից ավելի կարևոր համարեց դատը, քան փոքրմարմին վաճառականի ներկայությունը, և կանչեց միջանցք ելած Լեննիին․ | ||
+ | |||
+ | ― Նախ ապուրը մատուցիր։ Ինձ հետ խորհրդակցելու համար նա ուժ պետք է հավաքի։ Դա անհրաժեշտ է նրան։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւք էլ եք փաստաբանի այցելուներից։― Կարծես ճշտելու նպատակով, իր անկյունից կամաց խոսեց վաճառականը, սակայն նրա խոսքերն այնքան էլ լավ չընդունվեցին։ | ||
+ | |||
+ | ― Ձե՞ր ինչ գործն է։ | ||
+ | |||
+ | ― Դու խելոք մնա,― իր հերթին սաստեց Լեննին։― Ուրեմն սկզբում ապո՞ւրը տանեմ։― Դարձավ նա Կ֊ին և ափսեի մեջ ապուր լցրեց։― Վատն այն է, որ շուտով քնելու է։ Ուտելուց հետո նա միշտ քնում է։ | ||
+ | |||
+ | ― Իմ ասելիքը արթուն կպահի նրան։― Կ֊ն շարունակ ձգտում էր զգացնել տալ, որ փաստաբանի հետ մտադիր է կարևոր բանի մասին խոսել։ Նա ուզում էր, որ Լեննին հարցնի, թե ի՞նչ է խոսելու, և հետո միայն նրանից խորհուրդ հարցներ։ Սակայն սպասուհին պարզապես ճշգրտորեն կատարում էր տրված հրամանները։ Երբ նա ափսեն բռնած անցավ Կ֊ի կողքով, դիտավորյալ հրեց քնքշորեն ու շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Հենց ապուրը ուտի֊վերջացնի, անմիջապես կհայտնեմ քո մասին, որ հնարավորին չափ շուտ ետ ստանամ քեզ։ | ||
+ | |||
+ | ― Գնա՛, գնա՛։ | ||
+ | |||
+ | ― Ավելի սիրալիր եղիր,― ասաց Լեննին, և դռան մեջ մի անգամ ևս շրջվեց։ Կ֊ն հայացքով հետևեց նրան։ Այժմ վերջնականապես վճռված էր․ գործը վերցնելու է փաստաբանից։ Երևի ավելի լավ էր, որ նախօրոք չէր կարող Լեննիի հետ խոսել այդ մասին․ դժվար թե Լեննին գործի ընթացքի մասին ամբողջական պատկերացում ունենար։ Նա հաստատ կփորձեր հակառակն համոզել, այս անգամ նրա ծառայությունից հրաժարվելու մտադրությունից, հնարավոր է, ուզենար հետ պահել։ Ինքն հետո երկմտանքի ու մտատանջության մեջ կմնար և, վերջապես, որոշ ժամանակ անց իր որոշումը այնուամենայնիվ կիրագործեր, որովհետև դա չափազանց ստիպողական էր։ Ինչքան շուտ իրականացվեր, այնքան ավելի շատ վնասներ կկանխվեին։ Երևի վաճառականը կարողանար մի բան ասել այդ մասին։ Նա շուռ եկավ։ | ||
+ | |||
+ | Հազիվ էր վաճառականը Կ֊ի շրջվելը նկատել, անմիջապես ուզեց ոտքի կանգնել։ | ||
+ | |||
+ | ― Նստեք։― Կ֊ն մոտ քաշեց բազկաթոռներից մեկը։― Դուք փաստաբանի հի՞ն այցելուներից եք։ | ||
+ | |||
+ | ― Այո, շատ հին։ | ||
+ | |||
+ | ― Քանի՞ տարի է հանդես գալիս Ձեր անունից։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, թե ի՞նչ նկատի ունեք,― ասաց վաճառականը։― Առևտրի հետ առնչվող գործերում (ես հացահատիկի առևտրով եմ զբաղվում) փաստաբանն արդեն քսան տարի իմ ներկայացուցիչն է։ Երբ նոր էի սկսել դրանով զբաղվել։ Դատավարության գործում (Դուք հավանաբար դա եք ակնարկում) նույնպես հենց սկզբից է ներկայացնում ինձ։ Հինգ տարուց ավելի, այո, հինգ տարին անցել է արդեն,― ավելացրեց նա և մի հին դրամապանակ հանեց։― Ես ամեն ինչ գրի եմ առել այստեղ։ Եթե Ձեզ հետաքրքրում է, ճշգրիտ օրն ասեմ։ Ամեն ինչ մտապահելը դժվար է։ Իմ դատավարությունը հավանաբար ավելի շուտ է սկսվել։ Կնոջս մահից կարճ ժամանակ անց սկսվեց, իսկ նա հինգուկես տարուց ավելի է, ինչ մահացել է։ | ||
+ | |||
+ | Կ֊ն բազկաթոռը ավելի մոտ քաշեց։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, փաստաբանը սովորական գործեր է՞լ է վարում։― Դատարանների ու իրավաբանական գիտությունների նման կապը Կ֊ին իսկապես հանգստացրեց։ | ||
+ | |||
+ | ― Իհա՛րկե,― հաստատեց վաճառականը և շշնջաց,― ասում են, որ այս գործում նա ավելի գործունյա է, քան մնացյալում։― Հետո նա երևի թե ափսոսաց ասածի համար, մի ձեռքը դրեց Կ֊ի ուսին և ասսաց․ | ||
+ | |||
+ | ― Շատ եմ խնդրում, չմատնեք ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես մատնիչ չեմ։― Կ֊ն հանգստացնելու համար թփթփացրեց նրա ծնկին։ | ||
+ | |||
+ | ― Նա շատ վրեժխնդիր է։ | ||
+ | |||
+ | ― Նման հավատարիմ այցելուին, հաստատ, ոչինչ չի անի։ | ||
+ | |||
+ | ― Օ, ոչ։ Երբ գրգռված է լինում, ոչինչ չի տարբերում։ Ի դեպ, ես նրան հավատարիմ չեմ։ | ||
+ | |||
+ | ― Այդ, ինչպե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Կարո՞ղ եմ վստահել Ձեզ,― կասկածանքով հարցրեց վաճառականը։― Մասամբ կվստահեմ, սակայն Դուք էլ Ձեր հերթին պետք է մի գաղտնիք ասեք ինձ, որ փաստաբանի հանդեպ փոխադարձ կախվածության մեջ լինենք։ | ||
+ | |||
+ | ― Շատ կասկածամիտն եք, բայց ես մի գաղտնիք կասեմ, որ լրիվ կհանգստացնի ձեզ։ Ուրեմն, ինչո՞ւմ է դրսևորվում փաստաբանի հանդեպ Ձեր անհավատարմությունը։ | ||
+ | |||
+ | ― Ես,― ոչ լրիվ վստահելով և մի այնպիսի տոնով, կարծես անպատվաբեր բան է խոստովանում, սկսեց վաճառականը,― ես նրանից բացի էլի փաստաբաններ ունեմ։ | ||
+ | |||
+ | ― Այնքան էլ վատ չէ,― փոքր֊ինչ հիասթափված ասաց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ, ախր, չի թույլատրվում,― շարունակեց վաճառականը։ Իր խոստովանությունը սկսելու պահից նա ծանր էր շնչում, բայց Կ֊ի դիտողությունը նպաստեց նրա ավելի ինքնավստահ դառնալուն։― Իսկ ամենից քիչ՝ այսպիսի մի փաստաբանի հետ մեկտեղ որևէ աղմկարար փաստաբան պահելն է թույլատրվում։ Մինչդեռ ես հենց այդպես եմ վարվել․ նրանից բացի հինգ աղմկարար փաստաբան էլ ունեմ։ | ||
+ | |||
+ | ― Հի՜ի՞նգ։― Հենց միայն թիվը զարմանք պատճառեց Կ֊ին։― Այս մեկից բացի ևս հինգ փաստաբա՞ն։ | ||
+ | |||
+ | ― Արդեն վեցերորդի հետ եմ բանակցում։― Գլխով անելուց հետո ավելացրեց վաճառականը։ | ||
+ | |||
+ | ― Բայց Ձեր ինչի՞ն են պետք այդքանը։ | ||
+ | |||
+ | ― Բոլորն էլ պետք են ինձ։ | ||
+ | |||
+ | ― Չէի՞ք ցանկանա բացատրել։ | ||
+ | |||
+ | ― Հաճույքով։ Ամենից առաջ, ես չեմ ուզում դատը տանուլ տալ։ Դա, ախր, ինքնին հասկանալի է։ Դրա հետ կապված՝ իրավունք չունեմ աչքաթող անել այն, ինչ կարող է օգտակար լինել։ Եթե կոնկրետ որևէ դեպքում օգուտի հույսը չափից դուրս փոքր էլ լինի, անտեսելու իրավունք չունեմ։ Այդ պատճառով ամեն ինչ դատը շահելու նպատակաին եմ ծառայեցնում։ Օրինակ, առևտրին հատկացված ողջ փողը վերցրել եմ։ Նախկինում իմ գրասենյակները մի ողջ հարկաբաժին էին զբաղեցնում, այսօր հետնաբակի փոքրիկ խուցն էլ բավականացնում է։ Այստեղ ես մի աշակերտի հետ եմ աշխատում։ Այդ ետընթացի պատճառը, ինչ խոսք, միայն փողը վերցնելը չէ, այլ, ավելի շուտ, իմ եռանդի նվազումը։ Երբ մարդ դատը շահելու նպատակ ունի, չի կարող մյուս բաներով շատ զբաղվել։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն Դուք անձամբ դատարնում է՞լ եք աշխատում։ Հենց այդ մասին հաճույքով կուզենայի որևէ բան իմանալ։ | ||
+ | |||
+ | ― Քիչ բան կարող եմ հայտնել։ Սկզբում, իրոք, փորձեցի, սակայն հետո ձեռք քաշեցի դրանից․ շատ է հոգնեցնում և հաջողության տեսակետից չի արդարացնում իրեն։ Աշխատելն ու որևէ բան ձեռնարկելը, գոնե ինձ համար, անհնարին դուրս եկավ։ Հենց միայն նստելն ու սպասելն են մեծ ջանքեր խլում։ Դուք, ախր, ինքներդ գիտեք, թե ինչքան ծանր է գրասենյակային բաժնի օդը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ գիտեք, որ ես եղել եմ այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Երբ անցաք, ես սպասասրահում էի։ | ||
+ | |||
+ | ― Ա՛յ քեզ զուգադիպություն,― ոգևորված բացականչեց Կ֊ն և ընդհանրապես մոռացավ, որ քիչ առաջ վաճառականը ծիծաղելի էր։― Ուրեմն Դուք տեսե՞լ եք ինձ։ Դուք գրասենյակո՞ւմ էիք, երբ ես անցա։ Այո, ես մի անգամ եղել եմ այնտեղ։ | ||
+ | |||
+ | ― Զուգադիպությունն այնքան էլ զարմանալի չէ։ Ես համարյա ամեն օր այնտեղ եմ։ | ||
+ | |||
+ | ― Երևի ես էլ ստիպված լինեմ ավելի հաճախ գնալ, միայն թե հազիվ այն անգամվա նման հարգալից ընդունելության արժանանամ։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Նրանք հավանաբար կարծեցին, թե դատավոր եմ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Մենք այն օրը կատարածուին ողջունեցինք։ Որ Դուք մեղադրյալ եք, մենք հաստատ գիտեինք։ Նման լուրերը շատ արագ են տարածվում։ | ||
+ | |||
+ | ― Նշանակում է Դուք արդեն գիտեի՞ք։ Այդ դեպքում երևի իմ վարքը գոռոզամիտ թվաց։ Այդ մասին ոչինչ չխոսեցի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Ընդհակառակը։ Սակայն դրանք անմիտ բաներ են։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե անմիտ բաներ։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ եք հարցնում։― Վաճառականը սկսեց զայրանալ։― Երևում է, որ չեք ճանաչում այնտեղի մարդկանց և, հնարավոր է, սխալ հասկանաք բացատրությունը։ Դուք պետք է մտածեք, որ այս հետաքննության ժամանակ այնպիսի բաների մասին է խոսվելու, որ այլևս հնարավոր չէ հասկանալ։ Մարդ հոգնում է պարզապես, շատ հարցերում չի կարողանում կողմնորոշվել և, որպես հատուցում՝ սնահավատ է դառնում։ Ես ուրիշների մասին եմ խոսում, բայց ինքս էլ բնավ ավելի լավը չեմ։ Նման մի սնահավատության օրինակ է, որ շատերն են ուզում մեղադրյալի դեմքից՝ հատկապես շուրթերի գծագրությունից հասկանալ գործի ելքը։ Այդ մարդիկ, ուրեմն Ձեր շրթունքներից եզրակացնելով պնդեցին, որ Դուք անպայման և շատ շուտով կդատապարտվեք։ Կրկնում եմ, ծիծաղելի սնահավատություն է և դեպքերի մեծ մասի ընթացքով լրիվ հերքվում է փաստորեն, սակայն երբ մարդ նման հասարակության մեջ է լինում, կարծիքների ազդեցության տակ չընկնելը շատ դժվար է։ Հիմա պատկերացրեք սնահավատության ազդեցության ուժը։ Դուք, կարծեմ, մեկին դիմեցիք, չէ՞, իսկ նա հազիվ էր կարողանում պատասխանել։ Այնտեղ շփոթված լինելու պատճառներ, իհարկե, շատ կան, բայց դրանցից մեկը ձեր շուրթերն էին։ Ձեր գնալուց հետո նա պատմեց, որ իրեն թվացել էր,թե Ձեր շուրթերի գծագրությունից նաև իր դատապարտումն է կարդացել։ | ||
+ | |||
+ | ― Իմ շուրթերի՞։― Կ֊ն գրպանից հանեց հայելին ու զննեց դեմքը։― Իմ շուրթերին նայելով ոչ մի առանձնահատուկ բան չեմ կարող գտնել։ Իսկ Դո՞ւք։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ։ Ոչինչ։ | ||
+ | |||
+ | ― Ի՜Նչ սնահավատ են այդ մարդիկ,― բացականչեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Չասացի՞։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն նրանք այնքան հաճախ են հանդիպում, որ կարծիքնե՞ր են փոխանակում։ Առայսօր ես բոլորովին ձեռնպահ եմ մնացել այնտեղ գնալուց։ | ||
+ | |||
+ | ― Նրանք սովորաբար չեն շփվում։ Այնքան շատ են, որ հնարավոր չէ։ Բայց այդ, ընդհանուր հետաքրքրությունը շատ քիչ է։ Եթե երբեմն խմբերից մեկում մի ընդհանուր շահի հանդեպ հավատ է ստեղծում, ապա շուտով պարզվում է, որ դա մոլորություն է։ Դատարանի դեմ համախմբված կերպով ոչնչի հնարավոր չէ հասնել։ Յուրաքանչյուր դեպք առանձին է ուսումնասիրվում․ այս դատարանը ամենամանրախնդիրն է։ Խմբովին, ուրեմն, ոչինչ հնարավոր չէ, միայն առանձին դեպքերում անհատ մեկը կարող է գաղտնի որևէ բան անել։ Այդ մեկի՝ իր ուզածին հասնելուց հետո նոր են մյուսները լսում, բայց ոչ ոք չի իմանում, թե նա ինչպե՞ս է հաջողության հասել։ Ոչ մի համախմբվածություն չկա ուրեմն։ Թեև նրանք երբեմն֊երբեմն հավաքվում են սպասասենյակում, բայց այնտեղ նրանք քիչ են խոսում։ Սնահավատ մտքերը անհաշիվ ժամանակներից ի վեր կան և, ճիշտն ասած, իրենք֊իրենց են բազմանում֊տարածվում։ | ||
+ | |||
+ | ― Ես ընդունարանաւոմ տեսա պարոններին, և նրանց սպասելն ինձ այնքան անիմաստ թվաց։ | ||
+ | |||
+ | ― Սպասելն անիմաստ չէ,― նկատեց վաճառականը։― Միայն ինքնուրույն ձեռնարկումն է անիմաստ։ Ասել եմ արդեն, որ այս մեկից բացի, հինգ փաստաբան էլ ունեմ։ Կարելի էր մտածել, թե այժմ լրիվ կարող եմ նրանց հույսին թողնել գործը։ Սկզբում ես էլ էի կարծում, բայց սխալվեցի։ Ես ավելի մեծ դժվարությամբ կարող եմ գործն այդ հինգ հոգուն թողնել, քան եթե միայն մեկն ունենայի։ Դուք, հավանաբար, չե՞ք հասկանում։ | ||
+ | |||
+ | ― Ո՛չ,― ասաց Կ֊ն և վաճառականի խոսքերի չափազանց արագ հոսքն ընդհատելու համար ձեռքը հանգստացնելով դրեց նրա ձեռքին։― Ես միայն կուզեի խնդրել Ձեզ, որ փոքր֊ինչ դանդաղ խոսեք։ Այդ բոլորն, ախր, ինձ համար կարևոր բաներ են, մինչդեռ ես չեմ կարող Ձեր խոսքերի հետևից հասնել։ | ||
+ | |||
+ | ― Լավ է, որ հիշեցրիք։ Այս գործում Դուք նոր եք, անփորձ։ Ձեր գործը կես տարվա պատմություն ունի, այնպես չէ՞։ Այո, լսել եմ։ Շատ թարմ գործ է։ Իսկ ես անթիվ անգամներ եմ մտածել այդ գործերի մասին և դրանց մասին մտածելը աշխարհում ամենաբնական բանն է ինձ համար։ | ||
+ | |||
+ | ― Դուք, հավանաբար, գո՞հ եք, որ Ձեր գործն այդքան առաջ է գնացել։― Կ֊ն չէր ուզում անմիջապես հարցնել, թե ի՞նչ վիճակում է վաճառականի դատական գործը, սակայն հարցի պատասխանն այնքան էլ հստակ չէր։ | ||
+ | |||
+ | ― Այո, գործն արդեն հինգ տարի է առաջ եմ գլորում։― Վաճառականը կախեց գլուխը։― Քիչ բան չէ, սակայն։ | ||
+ | |||
+ | Նա մի պահ լռեց։ Կ֊ն ականջ դրեց․ արդյոք Լեննին չէ՞ր գալիս։ Մի կողմից նա չէր ուզում, որ Լեննին գար և վաճառականի հետ այդպես մտերմիկ զրուցելիս տեսներ, մյուս կողմից՝ զայրանում էր, որ չնայած իր այստեղ լինելուն, այդքան երկար է մնում փաստաբանի մոտ․ շատ ավելի երկար, քան ապուրը մատուցելու համար էր անհրաժեշտ։ | ||
+ | |||
+ | ― Ես դեռ լավ եմ հիշում այն ժամանակը,― վերսկսեց վաճառականը, և Կ֊ն անմիջապես համակ ուշադրություն դարձավ,― երբ իմ գործն էլ Ձերի վաղեմությունն ուներ։ Այն ժամանակ միայն այս փաստաբանն էր ինձ համար աշխատում, բայց ես այնքան էլ գոհ չէի նրանից։ | ||
+ | |||
+ | «Հիմա արդեն ամեն ինչ կիմանամ»,― մտածեց Կ֊ն և աշխույժ գլխով արեց, կարծես դրանով կարող էր վաճառականին ավելի ոգևորել, որ էական ոչ մի բան բաց չթողներ։ | ||
+ | |||
+ | ― Թեև հարցաքննություններ լինում էին,― շարունակեց վաճառականը,― ես բոլորովին ներկա էի լինում, նյութեր էի հավաքում, իմ առևտրական հաշվեմատյաններն էի հանձնել փաստաբանին (մի բան, որ, ինչպես հետո իմացա, ավելորդ էր), շարունակ գնում֊գալիս էի փաստաբանի մոտ, իր հերթին նա տարբեր խնդրագրեր էր ներկայացնում, բայց գործն առաջ չէր գնում։ | ||
+ | |||
+ | ― Տարբեր խնդրագրե՞ր։ | ||
+ | |||
+ | ― Այո, իհարկե։ | ||
+ | |||
+ | ― Դա շատ կարևոր է։ Իմ գործով զբաղվելիս նա շարունակ միայն առաջին խնդրագիրն է շարադրում և դեռ ոչինչ չի արել։ Այժմ ես հասկանում եմ, որ նողկալի կերպով անուշադրության է մատնել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Խնդրագրի պատրաստ չլինելը կարող է արդարացնող տարբեր պատճառներ ունենալ,― առարկեց վաճառականը։― Ի դեպ, ինչպես հետո պարզվեց, խնդրագրերը բոլորովին անարժեք բաներ էին։ Դրանցից մեկը ես դատարանի մի պաշտոնյայի սիրալիրության շնորհիվ անձամբ եմ կարդացել։ Թեև գրագետ էր շարադրված, բայց անիմաստ էր։ Նախ՝ լատիներենն էր շատ, և ես չհասկացա, հետո՝ մի քանի էջ ծավալով դիմումներ էին դատարանին ուղղված, հետո քծնանքներն էին գալիս՝ ուղղված տարբեր պաշտոնյաների, որոնց անունները թեև նշված չէին, բայց այդ բնագավառի մարդը կկռահեր հաստատ, դրան փաստաբանական ինքնագովությունն էր հետևում, ուր նա շան նման նվաստանում էր դատարանի առջև, և վերջում անցած տարիների՝ իմ գործին նման թվացող գործերի քննություններն էին։ Դրանք, համենայնդեպս, ինչքան որ ես կարողացա կարդալ, շատ մեծ հոգատարությամբ էին արված։ Այս ամենով հանդերձ, ես չեմ ուզում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ ոչ մի եզրակացության հանգել։ Իմ կարդացած խնդրագիրը մեկն էր բազմաթիվ մյուսների շարքում, սակայն այն ժամանակ (այդ մասին եմ ուզում խոսել) չէի կարող որևէ առաջընթաց տեսնել իմ գործում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ առաջընթաց էիք ուզում տեսնել։ | ||
+ | |||
+ | ― Շատ խելացի հարց եք տալիս,― ժպտալով պատասխանեց վաճառականը։― Նման գործավարության դեպքում շատ հազվադեպ կարելի է առաջընթաց քայլեր ակնկալել, բայց ես չգիտեի։ Ես վաճառական եմ, իսկ այն տարիներին ավելի՝ քան այժմ, ակնառու հաջողություններ ունենալ էի ուզում․ այս ամենը կամ պետք է իր ավարտն ունենար, կամ գոնե իր բնական ընթացքով զարգանար։ Դրա փոխարեն միայն հարցաքննություններ էին լինում․ դրանք մեծ մասամբ նույն բովանդակությունն ունեին, իսկ պատասխանները արդեն սաղմոսի պես անգիր էի արել։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ դատարանի կատարածուները իմ խանութն ու բնակարանն էին գալիս, որտեղ հանդիպեին՝ մոտենում էին։ Դա, ինչ խոսք, խանգարում էր (այսօր գոնե այդ տեսակետից շատ հեշտ է․ հեռախոսազանգը այնքան էլ չի խանգարում), իմ գործընկերների, հատկապես բարեկամների շրջանում սկսեցին հարուցված գործի մասին շշուկներ տարածվել։ Այսպես ուրեմն, տուժում էի բոլոր առումներով, բայց այն մասին, որ մոտակա օրերին գոնե դատական առաջին նիստերն են կայանալու, ոչ մի խոսք չկար։ Ես, ուրեմն, գնացի փաստաբանի մոտ և գանգատվեցի։ Նա թեև երկար֊բարակ բացատրություններ տվեց, սակայն վճռականորեն հրաժարվեց իմ ուզած ձևով մի քայլ իսկ անել։ Ասաց, որ դատական նիստի նշանակման օրը ոչ ոք չի կարող որոշել, խնդրագրի մեջ իմ ուզած ձևով ոչինչ չի կարող պահանջել, չլսված բան է, ինձ էլ, իրեն էլ կկործանի։ Ես մտածեցի․ այն, ինչ այս փաստաբանը չի կարող կամ չի ուզում, մի ուրիշը կուզենա և կկարողանա։ Ես, ուրեմն, սկսեցի նոր փաստաբան փնտրել։ Սկզբից ևեթ ուզում եմ զգուշացնել․ նրանցից ոչ մեկը դատականի նիստերի նշանակում չպահանջեց, ոչ էլ հասավ դրան։ Միայն մի վերապահությամբ (այդ մասին կխոսեմ դեռ․ իրոք անհնար էր) կարելի է ասել, որ դոկտոր Հուլդը ինձ չէր խաբել, իսկ ընդհանրապես չեմ զղջացել, որ մի ուրիշ փաստաբանի եմ դիմել։ Աղմկարար փաստաբանների մասին մի քանի բան դոկտոր Հուլդից պետք է իմացած լինեք արդեն։ Հավանաբար նա շատ արհամարհական տոնով է արտահայտվել, բայց նրանք իրոք արժանի են այդ տոնին։ Համենայնդեպս, երբ դոկտոր Հուլդը նրանց մասին է խոսում կամ իր գործընկներին է նրանց հետ համեմատում, մի աննշան սխալ է թույլ տալիս, և ես հենց այնպես ուզում եմ դրա վրա հրավիրել Ձեր ուշադրությունը։ Իր շրջանակների փաստաբաններին տարբերակելու համար նրանց «մեծ» փաստաբաններ է անվանում։ Դա սխալ է։ Իհարկե, ամեն ոք, երբ ուզենա, կարող է ինքն իրեն «մեծ» անվանել, մինչդեռ այս հարցում որոշիչ դերը միայն գործիմացությանն է պատկանում։ Գործիմացությունից կախված՝ աղմկարար փաստաբաններից բացի, մեծ ու փոքր փաստաբաններ էլ կան։ Սա ու նրա գործընկներները, համենայնդպես, փոքր փաստաբաններ են, մինչդեռ մեծերը՝ որոնց մասին լսել եմ միայն ու չեմ տեսել երբեք, իրենց աստիճանով անհամեմատ ավելի բարձր են կանգնած փոքրերից, ինչպես սրանք՝ արհամարհված աղմկարարներից։ | ||
+ | |||
+ | ― Մեծ փաստաբաննե՞ր։ Ովքե՞ր են նրանք։ Ինչպե՞ս կարելի է գտնել նրանց։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն Դուք երբեք չե՞ք լսել նրանց մասին։ Հազիվ թե մի մեղադրյալ գտնվի, որ լսելուց հետո որոշ ժամանակ նրանց մասին չերազի։ Ավելի լավ է չգայթակղվեք։ Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մեծ փաստաբանները, և նրանց գտնելը հավանաբար հնարավոր չէ երբեք։ Նման մի դեպքի մասին դեռ լսած չկամ, երբ կարելի լինի վստահ ասել, թե նրանք միջամտել են։ Ոմանց պաշտպանում են, բայց սեփական կամքով հնարավոր չէ հասնել դրան․ նրանք միայն իրենց ուզած մարդկանց են պաշտպանում։ Այն գործը, որին նրանք են ձեռնամուխ լինում, պետք է որ ցածրաստիճան դատարանի իրավասության սահմաններից դուրս եկած լինի։ Իսկ ընդհանրապես, ավելի լավ է այդ մաիսն չմտածեք, որովհետև դրանից հետո մյուս փաստաբանների հետ կայացած քննարկումները, նրանց խորհուրդները, օգնությունները այնքան զզվելի և անօգուտ են թվում (անձամբ ես զգացել եմ դա), որ մարդ մեծ հաճույքով ցանկանում է ամեն ինչ մի կողմ նետել, տանը մնալ, պառկել մահճակալին ու այլևս ոչ մի բանի մասին չմտածել։ Իր հերթին էլ դա է շատ հիմար բան, որովհետև մահճակալում հնարավոր չէ երկար հանգստանալ։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն Դուք մեծ փաստաբանների մասին չե՞ք մտածել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ շատ երկար։― Վաճառականը նորից ժպտաց։― Ցավոք հնարավոր չէ ընդհանրապես մոռանալ նրանց։ Հատկապես գիշերն է նման մտածողություններին նպաստում։ Այն ժամանակ ես անհապաղ ուզում էի հաջողության հասնել և դրանից հետո դիմեցի աղմկարար փաստաբանների օգնությանը։ | ||
+ | |||
+ | ― Լա՜վ եք կողք֊կողքի նստել,― բացականչեց Լեննին, որ հետ էր դարձել ու ափսեն ձեռքին կանգնել֊մնացել էր դռան մեջ։ Նրանք իսկապես, լավ մոտ էին նստել, նույիսկ ամենափոքր շարժում անելու դեպքում գլուխներն իրար կխփեին հաստատ։ Վաճառականը, որ առանց այդ էլ կարճահասակ էր, կուչ եկած նստել և դրանով պարտադրել էր Կ֊ին (եթե նա, իհարկե, ուզում էր լսել) նույնպես խորը կռանալ։ | ||
+ | |||
+ | ― Եվս մի վայրկյան։― Լեննիին ընդհատելով, բացականչեց Կ֊ն և անհամբեր թափ տվեց ձեռքը, որ շարունակ վաճառականի ձեռքին էր դրված։ | ||
+ | |||
+ | ― Նա ուզում էր իմ դատավարության մասին իմանալ։― Լեննիին բացատրեց վաճառականը։ | ||
+ | |||
+ | ― Պատմիր, պատմիր։― Լեննին վաճառականի հետ սիրալիր ու ներողմաիտ տոնով էր խոսում, և դա դուր չեկավ Կ֊ին։ Նա այժմ նկատեց, որ վաճառականը որոշակի արժեք ուներ, որոշ բաներ գիտեր համենայնդպես և կարողանում էր իմացածը մատուցել։ Լեննին հավանաբար սխալ կարծիքի էր նրա մասին։ Կ֊ն բարկացած նայեց, երբ Լեննին վաճառականի ձեռքից վերցրեց մոմը (Բլոկը մոմը դեռ ամուր պահել էր ձեռքերի մեջ), գոգնոցով սրբեց նրա ձեռքերը և չոքեց կողքին, որ քորեր շալվարի վրա կաթած մոմը։ | ||
+ | |||
+ | ― Դուք ուզում էիք աղմկարար փաստաբանների մասին պատմել,― ասաց Կ֊ն և, առանց մի բառ ասելու, հեռու տարավ Լեննիի ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես ուզում։― Սպասուհին թեթևակի խփեց Կ֊ին ու շարունակեց իր աշխատանքը։ | ||
+ | |||
+ | ― Այո, նրանց մասին,― ասաց վաճառականը և կարծես մտածելիս լիներ, շփեց ճակատը։ Կ֊ն ուզեց օգնել։ | ||
+ | |||
+ | ― Դուք ձգտում էիք անհապաղ հաջողության հասնել և նրանց դիմեցիք։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է,― վաճառականը չշարունակեց։ | ||
+ | |||
+ | «Հավանաբար չի ուզում Լեննիի ներկայությամբ խոսել»,― մտածեց Կ֊ն և զսպեց իսկույնևեթ շարունակությունն իմանալու անհամբեր ցանկությունը, դադարեց հարցեր տալ։ | ||
+ | |||
+ | ― Իմ մասին հայտնեցի՞ր,― Լեննիին դիմեց նա։ | ||
+ | |||
+ | ― Ինչ խոսք։ Սպասում է քեզ։ Հանգիստ թող Բլոկին։ Կարող ես հետո էլ նրա հետ խոսել։ Նա այստեղից չի գնա։― Կ֊ն վարանեց։ | ||
+ | |||
+ | ― Դուք այստե՞ղ եք մնում,― վաճառականին հարցրեց նա։ Վաճառականի պատասխանն էր հարկավոր Կ֊ին, նա չէր ուզում, որ Լեննին վաճառականի մասին խոսեր՝ ինչպես երրորդ անձի։ Նա այսօր Լեննիի դեմ թաքուն զայրույթով էր լցված։ | ||
+ | |||
+ | ― Նա հաճախ է այստեղ քնում։― Նորից խոսեց Լեննին։ | ||
+ | |||
+ | ― Այստե՞ղ է քնում,― բացականչեց Կ֊ն։ Նա մտածել էր, թե վաճառականը կսպասի, մինչև ինքն արագ վերջացնի փաստաբանի հետ խոսելը, հետո միասին կգնան, ամեն ինչ հիմավորապես, առանց մեկնումեկի միջամտության պատճառով խանգարված լինելու, կքննարկեն։ | ||
+ | |||
+ | ― Այո,― ասաց Լեննին։― Փաստաբանի մոտ ցանկացած ժամին ներս մտնելը ոչ ամեն մեկին է վիճակված։ Յոզեֆ, քեզ կարծես բնավ չի զարմացնում այն հանգամանքը, որ չնայած տկարությանը, գիշերվա ժամը տասնմեկին նա դեռ ընդունում է քեզ։ Այն, ինչ քո ընկերներն են քեզ համար անում, չափից դուրս բնական է թվում քեզ։ Դե, քո ընկներները՝ գոնե ես, այդ բանը հաճույքով ենք անում։ Ես շնորհակալություն չեմ ուզում։ Սիրված լինելուց բացի ինձ ոչինչ պետք չէ։ | ||
+ | |||
+ | «Քեզ սիրե՞լ,― առաջին պահին մտածեց Կ֊ն և միայն դրանից հետո նրա մտքով անցավ․― դե իհարկե, ես սիրում եմ նրան»։ | ||
+ | |||
+ | Չնայած դրան, ամեն ինչ անտեսելով նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դոկտոր Հուլդն ընդունում է ինձ, որովհետև իմ փաստաբանն է։ Եթե դրա համար էլ կողմնակի օգնության անհրաժեշտություն լիներ, ստիպված կլինեինք ամեն քայլափոխի մուրալ և շնորհակալություն հայտնել։ | ||
+ | |||
+ | ― Ինչ վատն է այսօր, չէ՞,― վաճառականին դիմեց Լեննին։ | ||
+ | |||
+ | «Հիմա էլ ես եմ բացակա անձը»,― մտածեց Կ֊ն և համարյա բարկացավ վաճառականի վրա, երբ սա՝ Լեննիի անքաղաքավարությունն անտեսելով, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Փաստաբանն ուրիշ պատճառով էլ է ընդունում նրան։ Նրա գործը ավելի հետաքրքիր է, քան՝ իմը, դրանից բացի՝ նոր է սկսվել, հետևաբար, հնարավոր է, որ առայժմ խճճված չէ։ Դա է փաստաբանի՝ հաճույքով զբաղվելու պատճառը։ | ||
+ | |||
+ | ― Այո, այո։― Լեննին ծիծաղելով նայեց վաճառականին։― Ա՛յ թե լեզվիդ ես տալիս։ Դու նրան մի հավատա։― Լեննին Կ֊ի կողմը շրջվեց։― Նա որքան հաճելի է, նույնքան՝ բացբերան։ Գուցե դա է պատճառը, որ փաստաբանը տանել չի կարողանում նրան։ Համենայնդպես, ընդունում է միայն, երբ տրամադրություն է ունենում։ Այդ սովորությունը փոխելու ուղղությամբ ես արդեն շատ եմ չարչարվել, բայց անհնար է։ Պատկերացրու միայն․ երբեմն հայտնում եմ Բլոկի գալը, իսկ նա սրան երեք օր հետո նոր ընդունում է։ Եթե ներս հրավիրելու պահին սա տեղում չի լինում, ամեն ինչ կորչում է, անհրաժեշտ է լինում նորից սպասել։ Դա է պատճառը, որ թույլ եմ տալիս այստեղ քնի։ Եղել է, որ փաստաբանը գիշերով է կանչել․ հիմա սա գիշերներն էլ է պատրաստ։ Այնպես էլ է եղել, որ երբ պարզվել է, թե Բլոկը տեղում է, նա փոխել է ներս կանչելու հանձնարարությունը։ | ||
+ | |||
+ | Կ֊ն հարցական հայացքը վաճառականին հառեց։ Վերջինս գլխով արեց և նույն անկեղծությամբ, ինչպես քիչ առաջ Կ֊ի հետ էր խոսում՝ (երևի ամոթից շփոթվել էր), ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այո, հետո մարդ շատ է կախման մեջ լինում իր փաստաբանից։ | ||
+ | |||
+ | ― Նրա գանգատը ձև է,― ասաց Լեննին։― Այստեղ, ինչպես ինքն է խոստովանել հաճախ, մեծ հաճույքով է քնում։― Լեննին մի փոքր դռան մոտեցավ ու հրեց֊բացեց։― Ուզո՞ւմ ես տեսնել նրա ննջասենյակը։ | ||
+ | |||
+ | Կ֊ն մոտ գնաց, անպատուհան, ցածր առաստաղով սենյակի շեմից ներս նայեց․ նեղ մահճակալը ազատ տեղ համարյա չէր թողել, պատկելու համար անհրաժեշտ էր մահճակալի ներքևի գլխարկալի վրայով բարձրանալ։ Պատի մեջ՝ վերևի կողմում, խորշ կար, ուր կանոնավոր կերպով դասավորված էին մոմը, թանաքամանը՝ գրիչով, և մի կապ թուղթ, հավանաբար դատավարության փաստաթղթերն էին։ | ||
+ | |||
+ | ― Դուք աղախնի սենյակո՞ւմ եք քնում,― հարցրեց Կ֊ն և շրջվեց վաճառականի կողմը։ | ||
+ | |||
+ | ― Լեննին ինձ համար է կահավորել։ Շատ հարմար է։ | ||
+ | |||
+ | Կ֊ն երկար նայեց նրան․ ստացած առաջին տպավորությունը երևի ճիշտ էր։ Վաճառականը որոշ փորձ ուներ, որովհետև նրա դատը երկար ժամանակ է, ընթանում էր, սակայն ձեռք բերածի համար նա թանկ էր վճարել։ Կ֊ն միանգամից զգաց, որ չի կարողանա դիմանալ վաճառականի տեսքին։ | ||
+ | |||
+ | ― Անկողի՛ն մտցրու նրան,― բղավեց նա Լեննիին։ Չէր երևում, թե սպասուհին հասկացավ նրա միտքը։ Կ֊ն մտադիր էր փաստաբանի մոտ մտնել և նրանից հրաժարվելով ոչ միայն նրան հրաժեշտ տալ, այլ նաև Լեննիին ու վաճառականին։ Մինչ նա դռանը կմոտենար, վաճառականը մեղմ ձայնով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Պարոն հավատարմատար։― Կ֊ն զայրացած դեմքով շուռ եկավ։― Դուք մոռացաք Ձեր խոստումը։― Նա նստած տեղից խնդրագիրն առաջ ձգեց։― Ուզում էիրք մի գաղտնիք հայտնել։ | ||
+ | |||
+ | ― Իսկապես։― Կ֊ի հայացքը ուշադիր իրեն նայող Լեննիի վրայով ևս սահեց։― Լսեք, ուրեմն։ Իմ ասելիքն այլևս գաղտնիք չէ, համենայնդպես։ Ես գործը վերցնելու մտադրությամբ եմ փաստաբանի մոտ գնում։ | ||
+ | |||
+ | ― Նա հրաժարվո՛ւմ է փաստաբանից,― բացականչեց վաճառականը, ցատկեց բազկաթոռին և ձեռքերը վեր բարձրացրած, սկսեց շրջան գծել խոհանոցում։― Նա փաստաբանից վերցնո՜ւմ է գործը,― շարունակ բացականչում էր նա։ | ||
+ | |||
+ | Լեննին ուզեց անմիջապես վրա պրծնել Կ֊ին, սակայն վաճառականը նրա դեմն ելավ, որի համար և բռունցքների հարված ստացավ։ Լեննին՝ բռունցքները սեղմած, վազեց Կ֊ի հետևից, բայց Կ֊ն բավական հեռու էր։ Նա արդեն փաստաբանի սենյակում էր, երբ Լեննին հասավ։ Կ֊ն քիչ էր մնում փակեր դուռը, Լեննին ոտքով բաց պահեց դռան փեղկը, բռնեց նրա թևից, փորձեց ետ քաշել, բայց Կ֊ն այնպես ուժեղ սեղմեց նրա դաստատկը, որ աղջիկը ստիպված էր տնքոցով բաց թողնել։ Անմիջապես սենյակ մտնել նա չհամարձակվեց, իսկ Կ֊ն բանալիով փակեց դուռը։ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն բավական երկար եմ սպասում Ձեզ։― Պառկած տեղից խոսեց փաստաբանը։ Նա կողքի փոքր սեղանին դրեց ձեռքի թուղթը, որ կարդում էր մոմի լույսի տակ պահած, ակնոցը դրեց աչքերին և սուր հայացքով նայեց Կ֊ին։ | ||
+ | |||
+ | ― Ես քիչ հետո կգնամ։― Ներողություն խնդրելու փոխարեն ասաց Կ֊ն։ Որովհետև նրա խոսքերը ներողություն չէին հայցում, փաստաբանը ուշադրություն չդարձրեց դրանց վրա։ | ||
+ | |||
+ | ― Հաջորդ անգամ ուշ ժամի էլ չեմ ընդունի։ | ||
+ | |||
+ | ― Դա համապատասխանում է իմ ցանկությանը։― Փաստաբանը հարցական հայացքով նայեց Կ֊ին։ | ||
+ | |||
+ | ― Նստեք,― առաջարկեց նա։ | ||
+ | |||
+ | ― Միայն՝ որովհետև Դուք եք այդպես կամենում։― Կ֊ն բազկաթոռը մոտեցրեց սեղանիկին ու նստեց։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվաց, թե Դուք փակեցիք դուռը։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Լեննիի պատճառով։― Նա չէր ուզում ոչ մեկին խնայել։ | ||
+ | |||
+ | ― Նորից աներեսությո՞ւն էր անում,― հարցրեց փաստաբանը։ | ||
+ | |||
+ | ― Աներեսությո՞ւն։ | ||
+ | |||
+ | ― Այո։― Փաստաբանը ծիծաղեց։ Նրա մոտ հազի նոպա սկսվեց, և, երբ անցավ, նա նորից սկսեց ծիծաղել։― Դուք հավանաբար արդեն նկատե՞լ եք նրա աներեսությունը,― հարցրեց նա և թփթփացրեց Կ֊ի ձեռքին, որ վերջինս էր ցրված հենել մահճասեղանին և որն հետո արագ քաշեց։― Դուք մեծ նշանակություն չեք տալիս դրան։― Խոսեց փաստաբանը։ Կ֊ն դեռ լռում էր։ ― Ավելի լավ։ Հակառակ դեպքում ես ստիպված կլինեի ներողություն խնդրել Ձեզնից։ Դա Լեննիի տարօրինակություններից մեկն է, որ ես, ի դեպ, վաղուց եմ ներել և որի մասին չէի էլ խոսի, եթե քիչ առաջ չփակեիք դուռը։ Լեննիի այդ տարօրինակությունը ե՛ս չէ, որ պետք է բացատրեմ Ձեզ։ Սակայն Դուք շփոթված եք երևում, և ես ստիպված եմ։ Տարօրինակությունն այն է, որ Լեննին մեղադրյալների մեծ մասին գեղեցիկ է համարում։ Նա բոլորից կախ է ընկնում, բոլորին սիրում է և, կարծեք թե, սիրվում էլ է բոլորի կողմից։ Ինձ զբաղեցնելու համար, հետո՝ երբ թույլ եմ տալիս, երբեմն պատմում է դրանք։ Դա ինձ այնքան չի զարմացնում, ինչպես այժմ՝ Ձեզ։ Եթե մարդ իսկապես հասկանում է, թե ինչ է կատարվում, ապա իրոք գեղեցիկ է համարում մեղադրյալին։ Այդ երևույթը, ի դեպ, զարմանալի է և ինչ֊որ չափով նաև բնագիտական։ Մեղադրանքն, ինչ խոսք, արտաքին հստակ, ճշգրիտ բնութագրման ենթակա փոփոխության պատճառ չի դառնում։ Այս դատը, ախր, դատական մյուս գործերի նման չէ, երբ մարդկանց մեծ մասը բոլոր հարցերի մասին հոգ տանող փաստաբան գտնելով, իր սովորական ապրելակերպին է մնում և այնքան էլ չի տուժում։ Դատարանի գործերին քաջածանոթ մարդիկ կարող են նույնիսկ մեծ բազմության միջից մեկ առ մեկ ջոկել մեղադրյալներին։ Ինչպե՞ս, կհարցնեք Դուք։ Պատասխանը երևի չգոհացնի Ձեզ։ Բանն այն է, որ մեղադրյալները նրանց մեջ ամենագեղեցիկներն են։ Մե՛ղքը չէ նրանց գեղեցկացնողը։ Գոնե ես՝ որպես փաստաբան, պետք է խոստովանեմ, որ ոչ բոլորն են մեղավոր, և արդարացի պատիժը չէ, որ գեղեցկացնում է նրանց, որովհետև ոչ բոլորն են պատժվում։ Ուրեմն, միայն նրանց դեմ հարուցված գործն է ինչ֊որ կերպ առանձնացնում նրանց։ Համենայնդպես, գեղեցիկների մեջ ընդգծված գեղեցիկներ էլ կան, մինչդեռ բոլորն են գեղեցիկ։ Նույնիսկ Բլոկը՝ այդ թշվառ ճիճուն։ | ||
+ | |||
+ | Երբ փաստաբանը վերջացրեց, Կ֊ն արդեն լրիվ վերագտել էր ինքնատիրապետումը։ Նա նույնիսկ սկսել էր աչք ծակելու աստիճան հստակ գլխով անել փաստաբանի բառերին և դրանով իսկ հանգել էր այն հին տեսակետի հաստատմանը, որ փաստաբանը միշտ, այս անգամ նույնպես, գործին չառնչվող ընդհանուր տեղեկություններով փորձում է շեղել ամենակարևոր հարցից․ իրականում ի՞նչ է արել գործի համար։ Փաստաբանը հասկացավ, որ Կ֊ն այս անգամ սովորականից ավելի է դիմադրում և նրան խոսելու հնարավորություն տալու համար լռեց, բայց որովհետև Կ֊ն չէր խոսում, ինքը հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Դուք այսօր որևէ կոնկրետ մտադրությա՞մբ եք եկել։ | ||
+ | |||
+ | ― Այո։― Փաստաբանին ավելի լավ տեսնելու համար Կ֊ն ձեռքի ափը թեթևակի պահեց մոմի դիմաց։― Ես ուզում եմ ասել, որ այսօրվանից հրաժարվում եմ Ձեր պաշտպանությունից։ | ||
+ | |||
+ | ― Ես ճի՞շտ եմ հասկանում Ձեզ։― Փաստաբանը կիսանստեց անկողմնում և մի ձեռքով հենվեց բարձին։ | ||
+ | |||
+ | ― Կարծում եմ։― Կ֊ն նստել էր դարանակալածի պես լարված։ | ||
+ | |||
+ | ― Դե, մենք կարող ենք այդ ծրագիրը քննարկել։― Քիչ անց ասաց փաստաբանը։ | ||
+ | |||
+ | ― Դա այլևս ծրագիր չէ։ | ||
+ | |||
+ | ― Թեկուզ։ Ոչ մի հարցում չպետք է շտապենք։― Նա հոգնակիով էր խոսում, կարծես մտադիր չէր Կ֊ին բաց թողնել և ցանկություն ուներ՝ եթե չկարողանար նրա ներկայացուցիչը լինել, գոնե խորհրդատուն մնալ։ | ||
+ | |||
+ | ― Շտապողականություն չկա։― Կ֊ն դանդաղ ոտքի կանգնեց ու անցավ իր բազկաթոռի թիկունքը։― Ես լավ եմ կշռադատել, նույնիսկ երևի շատ երկար։ Վճիռը վերջնական է։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում ինձ էլ թույլ տվեք որոշ բաներ ասել։― Փաստաբանը վրայից նետեց վերմակն ու նստեց մահճակալի եզրին։ Նրա մերկ, սպիտակամազ ոտքերը դողում էին մրսելուց։ Նա Կ֊ին խնդրեց մի ծածկոց տալ բազմոցի վրայից։ Կ֊ն բերեց ծածկոցը և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դուք կարող եք ավելորդ տեղը մրսել։ | ||
+ | |||
+ | ― Պատճառը բավական կարևոր է։― Ոտքերը ծածկոցի մեջ փաթաթելով և վերմակը ուսերին գցելով, առարկեց փաստաբանը։― Ձեր քեռին իմ ընկերն է, և Դուք էլ ժամանակի ընթացքում սիրելի դարձաք ինձ։ Ես անկեղծորեն խոստովանումեմ դա և ամաչելու կարիք չունեմ։ | ||
+ | |||
+ | Ծերունու սրտառուչ խոսքերը Կ֊ին այնքան էլ դուր չեկան, որովհետև ավելի պարզ բացատրության էին մղում։ Կ֊ն հաճույքով կուզենար խուսափել դրանցից և ստիպված էր անկեղծորեն խոստովանել ինքնիրեն, որ եթե դրանք չկարողանային էլ որոշումը չեղյալ դարձնել, ապա սաստիկ շփոթեցնում էին։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալություն Ձեր բարեկամական տրամադրվածության համար,― ասաց նա։― Ես ընդունում եմ նաև, որ Դուք, որքան որ հնարավորություն եք ունեցել և որքանով որ դա ինձ համար ձեռնտու եք համարել, ձեռնամուխ եք եղել գործին, բայց ես վերջերս այն համոզմանն եմ հանգել, որ այդքանը բավական չէ։ Իհարկե, ես երբեք չեմ փորձի Ձեզ նման տարիքն առած և փորձված մարդուն իմ տեսակետների ճշմարտացիության մեջ համոզել, ու եթե երբևէ ակամա փորձել եմ, ապա ներեցեք ինձ, բայց, ինչպես Դուք արտահայտվեցիք, գործը բավական կարևոր է և, ըստ իս՝ անհրաժեշտ է այժմվանից ավելի մեծ եռանդով ձեռք զարնել իմ դատավարությանը։ | ||
+ | |||
+ | ― Հասկանում եմ Ձեզ։ Չեք համբերում։ | ||
+ | |||
+ | ― Ես անհամբեր չեմ։― Փոքր֊ինչ գրգռված ձայնով առարկեց Կ֊ն, և դադարեց այլևս առաջվա նման ուշադրություն դարձնել բառերին։― Իմ առաջին այցելության ժամանակ, երբ քեռուս հետ Ձեզ մոտ եկանք, կարող էիք նկատած լինել, որ դատն ինձ համար այնքան էլ կարևոր չէր, և եթե ինձ ինչ֊որ տեղ բռնի կերպով չհիշեցնեին այդ մասին, ես լրիվ մոռացության կտայի։ Սակայն իմ քեռին պնդեց, որ պաշտպանությունը Ձեզ վստահեմ, և ես՝ ի սեր նրա, համաձայնեցի։ Այժմ պարտավոր էի ակնկալել, որ դատավարությունը ավելի հեշտ է ընթանալու, քան մինչև Ձեզ դիմելը՝ որովհետև միայն դատի ծանրությունը փոքր֊ինչ թոթափելու համար են պաշտպանությունը փաստաբանին հանձնում, մինչդեռ հակառակ բանը կատարվեց։ Նախկինում ես երբեք այդքան չէի անհանգստացել իմ դատավարության պատճառով, որքան Ձեր՝ գործի պաշտպանությունը ստանձնելուց հետո։ Երբ ես մենակ էի, գործի կապակցությամբ ոչինչ չէի ձեռնարկում, բայցև հազիվ թե զգում էի դրա անհրաժեշտությունը։ Այժմ դատապաշտպան ունեմ, մի բան անելու համար ամեն ինչ պատրաստ է, շարունակ և ավելի լարված սպասում եմ Ձեր միջամտելուն, սակայն դա բացակայում է։ Թերևս պետք է ասել, որ դատի մասին մի քանի տեղեկություններ իմացել եմ Ձեզանից, և գուցե ուրիշ ոչ մեկը ինձ չվստահեր դրանք, բայց երբ դատավարությունը ավելի է ծածուկ մոտենում ինձ, դա չի կարող գոհացնել։― Կ֊ն դիմացից հրեց բազկաթոռն ու կանգնեց ուղիղ, ձեռքերը պիջակի գրպաններում դրած։ | ||
+ | |||
+ | ― Գործնական մի քանի ձեռնարկումներից հետո որոշ ժամանակ ոչ մի նոր բան չի կատարվում,― մեղմ ու հանգիստ ասաց փաստաբանը։― Քանի֊քանի մարդ է դատավարության նույն էտապում կանգնել ու խոսել այդպես։ | ||
+ | |||
+ | ― Նշանակում է, բոլորն էլ նույնքան իրավացի են եղել, որքան՝ ես։ Դա բնավ չի հերքում իմ տեսակետը։ | ||
+ | |||
+ | ― Ես չուզեցի հերքել Ձեզ, այլ ցանկացա ավելացնել միայն, որ Ձեզանից ավելի ողջախոհ վերաբերմունք էի սպասում, քան մյուսներից։ Առավել ևս, որ դատարանի էության ու իմ գոծունեության մասին Ձեզ ավելի շատ բան եմ պատմել, քան մյուսներին։ Մինչդեռ այժմ պետք է տեսնեմ, որ չնայած ամեն ինչին, Դուք հարկ եղածի չափ չեք վստահում ինձ, դժվարացնում եք իմ գործը։ | ||
+ | |||
+ | Այս հարցում ամենախոցելի բանը՝ մասնագիտական պատիվը հաշվի չառնելով, ինչպես էր փաստաբանը նվաստանում Կ֊ի դիմաց։ Եվ ինչո՞ւ էր այդպես վարվում։ Նա՝ ինչպես երևում էր, ծանրաբեռնված փաստաբան էր, և ի լրումն դրա՝ հարուստ։ Իհարկե, ոչ պաշտպանության ընթացքը, ոչ էլ մի հայցվորի կորուստը չէր կարող այդքան կարևոր լինել նրա համար, դրանից բացի, նա տկար էր, երևի մի բան էլ պետք է մտածեր աշխատանքն իր վրայից վերցնել տալու մասին, մինչդեռ ամուր պահել էր ուզում Կ֊ին։ Պատճառը անձամբ քեռու միջամտությո՞ւնն էր, թե՞ նա այդ աստիճան արտառոց էր համարում Կ֊ի գործը և հույս ուներ աչքի ընկնել դրանով․ կամ Կ֊ի մոտ, կամ (որ նույնպես բացառված չէր)՝ դատարանի ընկերների։ Նրա տեսքից՝ ինչքան էլ Կ֊ն առանց քաշվելու նայեր, հնարավոր չէր ոչինչ կռահել, նույնիսկ կարելի էր ենթադրել, թե դեմքի արտահայտությունը կեղծելով՝ սպասում է խոսքերի թողած ազդեցությանը։ Կ֊ի լռությունը նա երևի չափազանց նպաստավոր համարեց իր համար, որովհետև շարունակեց խոսել։ | ||
+ | |||
+ | ― Դուք պետք է նկատած լինեիք, որ թեև մեծ գրասենյակ ունեմ, բայց ոչ մի օգնական չեմ պահում։ Նախկինում այլ էր։ Ժամանակ կար, որ մի քանի երիտասարդ իրավաբաններ էին աշխատում ինձ համար։ Այսօր ես մենակ եմ։ Մասամբ իմ իրավաբանական գործունեության փոփոխության պատճառով՝ երբ ավելի շատ սկսեցի զբաղվել Ձեր գործի բնույթի՝ գործերով, մասամբ՝ այդ գործերից ստացած ավելի խոր ճանաչողության ու գիտակցության։ Ես գտա, որ եթե չեմ ուզում իմ հայցվորների ու ստանձնած առաջադրանքի հանդեպ մեղանչել, ապա այդ աշխատանքը ուրիշ որևէ մեկին թողնելու իրավունք չունեմ։ Իսկ բոլոր գործերը անձամբ վարելու որոշումը բերեց, իհարկե, իր բնական հետևանքները․ ես ստիպված էի պաշտպանությունն ստանձնելու վերաբերյալ բոլոր խնդրանքները մերժել և կարող էի ընդունել միայն ավելի սրտամոտ գործերը։ Չափից դուրս շատ թափթփուկ փաստաբաններ կային (նույնիսկ բավական մտերիմ), որ իմ դեն նստած ամեն մի փշրանքին վրա էին պրծնում։ Ես գերլարումից հիվանդացա, բայց՝ չնայած դրան, չեմ զղջում իմ որոշման համար։ Միգուցե պետք է ավելի շատ գործերից հրաժարված լինեի, քան իրականում հրաժարվել էի, բայց որ ստանձնած գործերին ամբողջովին նվիրվելը անպայման անհրաժեշտ էր՝ շուտով պարզ դարձավ, և հաջողությունները դրա վարձատրություններն էին։ Մի անգամ փաստաթղթերից մեկում այս և մյուս բնույթի դատական գործերի պաշտպանության միջև եղած տարբերությունը բնորոշ շատ գեղեցիկ արտահայտություն կարդացի։ Այնտեղ ասվում էր․ փաստաբանը՝ կոճի թելից բռնած, մեղադրյալին մինչև դատավճիռն է հասցնում, մինչդեռ մյուս դեպքում մեղադրյալին վերցնում է ուսերին և առանց իջեցնելու տանում է մինչև դատավճիռ ու մի բան էլ այն կողմ։ Իրոք այդպես է։ Սակայն այնքան էլ ճիշտ չէր, երբ ասացի, թե երբեք չեմ զղջացել այս մեծածավալ աշխատանքի համար։ Երբ չարչարանքս՝ Ձեր գործի նման, չի գնահատվում, այդ դեպքում, դե այդ դեպքում ես համարյա թե զղջում եմ։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերն ավելի անհամբեր դարձրին Կ֊ին, քան համոզեցին որևէ բանում։ Փաստաբանին ականջ դնելիս նրան թվաց, թե խոսակցի ձայնի մեջ նշմարեց այն, ինչ կկատարվեր իր հետ, եթե զիջեր հանկարծ․ կրկին կսկսվեին հուսադրումները, խնդրագրի աշխատանքների առաջ ընթանալու և դատարանի պաշտոնյաների՝ գնալով ավելի լավ տրամադրվածության, ինչպես նաև նորից ի հայտ կգային գործի ընթացքը դժվարացնող մեծ խոչընդոտների հետ կապված փաստարկները։ Կարճ ասած, փաստարբանը կթարմացներ զզվանք հարուցելու աստիճան ծանոթ պատմությունները, որ անորոշ հույսերով ու վտանգներով նորից խաբեր ու տանջեր Կ֊ին։ Պետք էր վերջնականապես դրա դեմն առնել։ | ||
+ | |||
+ | ― Իմ գործի համար ի՞նչ կձեռնարկեք, եթե պաշտպանությունը Ձեզ թողնեմ։― Փաստաբանը նույնիսկ այս վիրավորական հարցի հետ համակերպվեց։ | ||
+ | |||
+ | ― Կշարունակեմ արդեն ձեռնարկածս աշխատանքները։ | ||
+ | |||
+ | ― Այդպես էլ գիտեի, սակայն խոսելն ավելորդ է արդեն։ | ||
+ | |||
+ | ― Ես մի անգամ ևս կփորձեմ։― Փաստաբանի խոսելու տոնից կարելի էր կարծել, թե Կ֊ին անհանգստացնող պատմությունը ոչ թե Կ֊ի, այլ իր հետ է կատարվում։― Ես ենթադրում եմ, որ այն հանգամանքը, որ թեև Դուք մեղադրյալ եք, բայց Ձեզ հետ լավ են վարվում կամ, ավելի ճիշտ, անուշադիր են՝ արտաքնապես անուշադիր են Ձեր հանդեպ, իմ իրավախորհրդատվության մասին սխալ կարծիք կազմելուն է գայթակղում և պայմանավորում է Ձեր առօրյա վարքը։ Անուշադիր վերաբերմունքը ևս իր պատճառն ունի․ հաճախ շատ ավելի լավ է լինել շղթայված, քան ազատ։ Բայց ես կուզենայի ցույց տալ, թե ինչպես են վարվում մյուս մեղադրյալների հետ․ գուցե Ձեզ հաջողվի որևէ խրատ քաղել։ Հիմա ես Բլոկին կկնաչեմ։ Բացեք դուռը և նստեք մահճակալի մոտ։ | ||
+ | |||
+ | ― Հաճույքով։― Փաստաբանի խոսքին հետևելով, ասաց Կ֊ն․ նա միշտ պատրաստ էր սովորել։ Համենայնդպես, ինքիրեն ապահովագրելու համար հարցրեց։― Սակայն Դուք ի գիտություն ընդունեցի՞ք, որ պաշտպանությունը վերցնում եմ Ձեզնից։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Կարող եք հենց այսօրվանից չեղյալ համարել։― Փաստաբանը նորից պառկեց, վերմակը քաշեց մինչև կզակը, շուռ եկավ պատի կողմը և զանգեց։ | ||
+ | |||
+ | Զանգը հնչելու հետ համարյա միաժամանակ հայտնվեց Լեննին, հայացքը արագ շրջելով փորձեց հասկանալ կատարվածը, երբ տեսավ մահճակալի մոտ հանգիստ նստած, իրեն նայող Կ֊ին, հանգստացավ կարծես և ժպտալով գլխով արեց։ | ||
+ | |||
+ | ― Բլոկին բեր,― ասաց փաստաբանը։ Վաճառականի հետևից գնալու փոխարեն Լեննին դռանը մոտեցավ։ | ||
+ | |||
+ | ― Բլո՛կ, փաստաբանի մոտ,― կանչեց նա և, հավանաբար օգտվելով առիթից, որ դոկտոր Հուլդը շարունակ դեպի պատն էր շրջված, ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնում, սահեց Կ֊ի բազկաթոռի թիկունքը։ Այդ պահից սկսած նա խանգարում էր Կ֊ին․ խոնարհվել էր բազկաթոռի թիկնակին և մատները զգույշ ու քնքշորեն սահեցնում էր նրա մազերի միջոց կամ այտերն էր շոյում։ Ի վերջո Կ֊ն փորձեց խանգարել ու բռնեց Լեննիի մի ձեռքը։ Մի քիչ դիմադրելուց հետո վերջինս հանգիստ թողեց ձեռքը։ | ||
+ | |||
+ | Կանչի հետ իսկույն հայտնվեց Բլոկը, սակայն մնաց դռան մոտ կանգնած և կարծես մտորում էր, թե արդյոք պե՞տք է ներս մտնել։ Նա բարձրացրեց հոնքերը, թեքեց գլուխը, երևի լարել էր լսողությունը․ փաստաբանի մոտ մտնելու հրամանը կկրկնվի՞։ Կ֊ն կարևող էր քաջալերել նրան, ներս կանչել, սակայն որոշել էր ոչ միայն փաստաբանի, այլ նաև նրա տան հետ առնվչող ամեն ինչի հետ վերջնականապես խզել կապերը․ այդ պատճառով նա չշարժվեց տեղից։ Լեննին էլ էր լռում։ Բլոկը նկատեց, որ գոնե չեն քշում իրեն և ոտնաթաթերի վրա ներս մտավ․ դեմքը լարված էր, ձեռքերը ջղաձգորեն դրել էր մեջքին, հնարավոր նահանջն ապահովելու համար դուռը բաց թողեց։ Նա բնավ չնայեց Կ֊ի կողմը, նրա հայացքը շարունակ ուղղված էր բարձր վերմակին, որի տակ փաստավանը՝ որովհետև շատ մոտ էր պառկել պատին, չէր երևում։ Միայն ձայնը լսվեց։ | ||
+ | |||
+ | ― Բլոնկն այստե՞ղ է։― Հարցը կարծես նախ խփեց ահագին տարածություն առաջ եկած Բլոկի կրծքին, հետո՝ մեջքին։ Նա երերաց, խորը կռացած կանգնեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այդպես։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես ուզում։ Դու անպատեհ ժամի ես եկել։ | ||
+ | |||
+ | ― Ինձ չկանչեցի՞ն։― Ավելի շուտ ինքնիրեն, քան փաստաբանին հարցրեց Բլոկը։ Նա՝ կարծես պաշտպանվելու համար, ձեռքերը պահել էր դիմացը և պատրաստ էր փախչել։ | ||
+ | |||
+ | ― Կանչեցին,― ասաց փաստաբանը։― Բայց քո գալն անպատեհ է։ Դու միշտ անպատեհ ժամի ես գալիս։― Կարճատև դարդարից հետո ավելացրեց նա։ | ||
+ | |||
+ | Երբ փաստաբանը սկսեց խոսել, Բլոկն այլևս չէր նայում մահճակալի կողմը, այլ ավելի շուտ աչքերը հառել էր անկյանը՝ ինչ֊որ տեղ, և միայն ականջ էր դնում (կարծես դիմացինի հայացքը կուրացնող էր, և ինքը չէր կարողանա դիմանալ դրան)։ Բայց ականջ դնելը նույնպես դժվար էր, որովհետև դեմքով դեպի պատը շրջված փաստաբանը ցածրաձայն ու արագ էր խոսում։ | ||
+ | |||
+ | ― Ուզում եք, որ գնա՞մ։ | ||
+ | |||
+ | ― Դե արդեն եկել ես, մնա,― ասաց փաստաբանը։ Կարելի էր կարծել, թե նա ոչ թե Բլոկի ցանկությունը կատարեց, այլ ծեծել սպառնաց․ Բլոկն իսկույն սկսեց դողացնել։― Մնա։ Երեկ ես իմ ընկերոջ՝ երրորդ դատավորի մոտ էր և խոսակցությունն աստիճանաբար քո կողմը թեքեցի։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ ասաց նա։ | ||
+ | |||
+ | ― Խնդրում եմ։― Որովհետև փաստաբանը անմիջապես չշարունակեց, Բլոկը մի անգամ ևս կրկնեց խնդրանքը և կռացավ, կարծես ծնկի գալ էր ուզում։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ ես անում,― բացականչեց Կ֊ն։ Լեննին փորձեց խանգարել Կ֊ին, սակայն Կ֊ն նրա երկրորդ ձեռքն էլ բռնեց․ այդ ձեռքսեղմումը սիրո դրսևորում չէր, Լեննին ավելի շուտ տնքում էր և փորձում ազատել ձեռքերը։ Բլոկը, սակայն, պատժվեց Կ֊ի բացականչության համար, որովհետև փաստաբանը հարցրեց նրան․ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է քո դատապաշտպանը։ | ||
+ | |||
+ | ― Դուք։ | ||
+ | |||
+ | ― Ինձնից բացի՞։ | ||
+ | |||
+ | ― Ձեզնից բացի՝ ոչ ոք։ | ||
+ | |||
+ | ― Այդ դեպքում ուրիշ ոչ ոքի էլ մի հետևիր,― ասաց փաստաբանը։ Բլոկը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, սուր հայացքներով չափեց Կ֊ին և ուժեղ թափ տվեց գլուխը։ Եթե նրա գլխի տատանումները խոսքերի վերածելիս լինեին, կոպիտ հայհոյանքներ կստացվեին։ Եվ այդ մարդու հե՞տ էր Կ֊ն ուզում մտերմաբար զրուցել անձնական գործերի մասին։ | ||
+ | |||
+ | ― Այլևս չեմ խանգարի։― Բազկաթոռի մեջ ետ ընկնելով ասաց Կ֊ն։― Ուզում ես ծնկի եկ, ուզում ես չորեքթաթ սողա։ Ուշադրություն չեմ դարձնի բոլորովին։ | ||
+ | |||
+ | Վաճառակաը ձգտում էր գոնե Կ֊ի մոտ իր պատիվը պահել․ բռունցքները թափ տալով նրա կողմը գնաց և, ինչքան որ փաստաբանի ներկայությամբ էր համարձակվում, բարձրաձայն փնթփնթաց․ | ||
+ | |||
+ | ― Դուք ինձ հետ այդպես խոսելու իրավունք չունեք։ Ես թույլ չեմ տա։ Ինչո՞ւ եք վիրավորում ինձ և այն էլ այստեղ՝ պարոն փաստաբանի ներկայությամբ, ուր մենք՝ երկուսս էլ, միայն շնորհիվ նրա բարեսրտության ենք ներկա։ Դուք ինձնից ավելի լավ մարդ չեք, որովհետև մենք երկուսս էլ մեղադրյալ ենք և դատ ունենք։ Եթե չնայած այդ ամենին Դուք դեռ պարոն եք զգում Ձեզ, ապա ես էլ եմ պարոն և իհարկե, եթե ոչ շատ ավելի մեծ։ Եվ ես ուզում եմ, որ ինձ հետ որպես այդպիսի մարդու հետ խոսեն, և առաջին հերթին՝ Դուք։ Իսկ եթե այն հանգամանքը, որ Դուք նստած եք, իսկ ես՝ ինչպես ինքներդ արտահայտվեցիք, չորեքթաթ եմ սողում, առավելություն եք համարում, ապա դատարանային մի հին առած հիշեցնեմ Ձեզ․ «Կասկածի տակ գտնվող անձի համար շարժվելն ավելի լավ է, քան դադարը, որովհետև նա, ով հանգստանում է, միշտ էլ աննկատ կհայտնվի կշեռքի նժարին և նրան կարող են կշռել մեղքերի հետ մեկտեղ»։ | ||
+ | |||
+ | Կ֊ն ոչինչ չասաց, միայն աչքերը հառեց այդ հոգեխռով մարդուն։ Ի՜նչ փոփոխություններ տեղի ունեցան նրա հետ հենց միայն այս վերջին ժամվա ընթացքում։ Դատավարությո՞ւնն էր նրան աջուձախ շպրտում ու հնարավորություն չէր տալիս կողմնորոշվել, թե որտեղ է բարեկամը, որտեղ՝ թշնամին։ Արդյոք չէ՞ր կռահում, որ փաստաբանը նվաստացնում է դիտավորյալ, որ այս անգամ Կ֊ին հնազանդեցնելուց բացի, ուրիշ ոչ մի մտադրություն չունի։ Սակայն, եթե Բլոկն անկարող էր այդ բանն հասկանալ կամ եթե այնքան էր վախենում փաստաբանից, որ հասկանալն անգամ չէր կարող օգնել նրան, ինչպե՞ս եղավ, որ այդքան խորամանկ կամ խելամիտ գտնվեց ու խաբեց փաստաբանին, ասաց, թե ուրիշ ոչ մի դատապաշտպան չի աշխատում իր համար։ Ինչպե՞ս համարձակվեց հարձակվել Կ֊ի վրա, երբ վերջինս իսկույն կարող էր նրա սուտը մերկացնել։ Բայց Բլոկը համարձակվեց նույնիսկ ավելին անել․ մոտեցավ մահճակալին և սկսեց գանգատվել Կ֊ից։ | ||
+ | |||
+ | ― Պարոն փաստաբան,― ասաց նա։― Լսեցի՞ք, թե այս մարդը ինչպես էր խոսում ինձ հետ։ Նրա դատավարությունն սկսելու ժամերը կարելի է մատերի վրա հաշվել, բայց արդեն ուզում է ինձ, որ արդեն հինգ տարի դատի մեջ եմ, խրատներ տալ։ Նա նույնիսկ հայհոյում է ինձ։ Ոչինչ չգիտե և վիրավորում է ինձ, մի մարդու, որ թեև թույլ է, բայց ուժերի ներածի չափ ուսումնասիրում է այն, ինչ պարտքը, պատշաճությունն ու դատարանի սովորույթներն են պահանջում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մեկի վրա ուշադրություն մի դարձրու և վարվիր՝ ինչպես ինքդ ես ճիշտ համարում,― ասաց փաստաբանը։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե։― Բլոկն այնպես խոսեց, կարծես թե ինքնիրեն էր քաջալերում և, փաստաբանի թռուցիկ հայացքի տակ, կիպ մահճակալի մոտ, ծնկի իջավ։ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն ծնկի եմ եկել, փաստաբան իմ,― ասաց նա, սակայն փաստաբանը լռում էր։ Բլոկի մի ձեռքը զգուշորեն շոյում էր փետրաներքնակը։ Վրա հասած լռության մեջ ձեռքերն ազատելով, Լեննին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դու ցավեցնում ես։ Թո՛ղ, ես Բլոկի մոտ եմ գնում։― Նա մոտեցավ ու նստեց մահճակալի եզրին։ Բլոկը շատ ուրախացավ Լեննիի գալու համար և անձայն, բայց աշխույժ նշաններով անմիջապես խնդրեց միջներդել փաստաբանի մոտ։ Պարզ երևում է, որ փաստաբանից մի բան իմանալը նրան շատ էր անհրաժեշտ, սակայն երևի մյուս՝ աղմկարարների կողմից կիրառելի դարձնելու նպատակով միայն։ Լեննին հավանաբար գիտեր, թե դոկտոր Հուլդի հետ ինչպես կարելի է վարվել․ նա ցույց տվեց փաստաբանի ձեռքը և շուրթերով համբուրելու նշան արեց։ Բլոկն իսկույն համբուրեց, Լեննիի պահանջով ևս երկու անգամ կրկնեց համբույրը, սակայն փաստաբանը շարունակ լռում էր։ Այդ ժամանակ Լեննին կռացավ փաստաբանի վրա (երբ արդեն ձգվեց, նրա գեղեցիկ մարմինը հստակ գծագրվեց) և փաստաբանի դեմքին լավ խոնարհված՝ շոյեց նրա սպիտակ, երկար մազերը․ դա փաստաբանին ստիպեց խոսել։ | ||
+ | |||
+ | ― Ես վարանում եմ հայտնել նրան,― ասաց նա և երևաց, թե ինչպես՝ հավանաբար Լեննիի գգվանքից ավելի երկար օգտվելու համար, թեթևակի թափ տվեց գլուխը։ Բլոկը գլուխը կախ գցած ականջ էր դնում, և դա այն տպավորությունն էր թողնում, թե հենց միայն ականջ դնելով որևէ պատվիրան է խախտում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ինչո՞ւ ես վարանում,― հարցրեց Լեննին։ Կ֊ին թվաց, թե արդեն բազմիցս կրկնված, դեռ բազմաթիվ անգամ կրկնվելու ենթակա և միայն Բլոկի համար թարմությունը չկորցրած, անգիր արված երկխոսություն է լսում։ | ||
+ | |||
+ | ― Այսօր իրեն ինչպե՞ս էր պահում։― Պատասխանելու փոխարեն հարցրեց փաստաբանը։ Նախքան պատմելը Լեննին նայեց ներքև՝ Բլոկի կողմը, և մի կարճ պահ զննում էր իրար քսվող ձեռքերը թախանձագին վեր պարզած վաճառականին։ Ի վերջո, նա լուրջ դեմքով գլխով արեց և շրջվեց փաստաբանի կողմը։ | ||
+ | |||
+ | ― Հանգիստ էր, ջանասեր։ | ||
+ | |||
+ | Տարեց վաճառականը, երկար մորուքով մարդը ջահել աղջկանից նպաստավոր վկայություն էր աղերսում։ Թող նա այդպես վարվելով նաև հետին մտքեր ունենար, միևնույն է, ոչինչ չէր արող արդարացնել նրան կողին նստած մարդու աչքերում։ Կ֊ն չէր հասկանում․ ինչպե՞ս կարող էր փաստաբանը մտածել, թե այդ ներկայացումով կարող է գրավել իրեն։ Եթե ինքը պաշտպանությունը քիչ առաջ չեղյալ համարած չլիներ, ապա հենց այս տեսարանով փաստաբանը կհասցներ դրան։ նա համարյա վիրավորում էր ներկա գտնվողի արժանապատվությունը։ Ուրեմն, փաստաբանի մեթոդը այդպիսի ազդեցություն էր թողնում, որ պաշտպանություն հայցող այցելուն մոռանում էր շրջակա աշխարհը, հույս էր տածում, թե նման խոտոր ճանապարհով մինչև դատավարության ավարտը քարշ կգա։ Լավ է, որ Կ֊ն բավական երկար չէր ենթարկվել նման տեսարանների տհաճությանը։ Այդ հայցվորը հայցվոր չէր այլևս, այլ փաստաբանի շունն էր։ Եթե սա հրամայեր շան նման մտնել մահճակալի տակ՝ ինչպես շունն էր իր տնակը մտնում, և այնտեղից հաչել, այս մարդը կաներ հաճույքով։ Կ֊ն կարծես այստեղ խոսվող ամեն բան մաս առ մաս մտապահելու, տեղեկագիր կազմելու, մի ավելի բարձր տեղ զեկուցագիր ներկայացնելու առաջադրանք ուներ․ քննախույզ և մտախոհ լսում էր։ | ||
+ | |||
+ | ― Օրվա ընթացքում ի՞նչ է արել։ | ||
+ | |||
+ | ― Ես նրան աղախնի սենյակում էի փակել, որ չխանգարի ինձ աշխատել։ Նա սովորաբար այնտեղ է մնում։ Դիտանցքի միջով ժամանակ առ ժամանակ կարող էի հետևել, թե ինչ է անում։ Քո տված թղթերը բացել֊դրել էր պատուհանագոգին և, մահճակալի վրա ծնկի եկած՝ անընդհատ կարդում էր։ Դա լավ տպավորություն թողեց ինձ վրա․ պատուհանը օդափոխման փոսի մեջ է բացվում, և լույսը շատ քիչ էր, բայց որ Բլոկը՝ չնայած դրան, կարդում էր, ցույց էր տալիս, թե որքան հնազանդ է նա։ | ||
+ | |||
+ | ― Ուրախ եմ նման բան լսելու համար, բայց արդյոք նա ըմբռնո՞ւմ էր կարդացածը։ | ||
+ | |||
+ | Խոսակցության ընթացքում Բլոկն անդադար շարժում էր շուրթերը։ Նա ակներևաբար ձևակերպում էր այն պատասխանը, որ Լեննիից էր ակնկալում։ | ||
+ | |||
+ | ― Այդ հարցին, իհարկե, հաստատ պատասխանել չեմ կարող։ Համենայնդեպս, տեսա, որ խորասուզված կարդում էր։ Ողջ օրը նույն թերթն էր կարդում ու դեռ մի բան էլ մատը տողերի վրայով էր տանում։ Միշտ, երբ նայում էի, նա հառաչում էր, կարծես ընթերցանությունը մեծ չարչարանք էր պատճառում նրան։ Քո տված թղթերը երևի դժվար հասկանալի էին։ | ||
+ | |||
+ | ― Այո, դրանք դժվար հասկանալի են։ Այնուամենայնիվ, ես չեմ հավատում, որ նա դրանցից որևէ բան հասկացած լինի։ Դրանք միայն պետք է հասկացնեին, թե որքան ծանր է նրա պաշտպանության համար իմ մղած պայքարը։ Եվ ո՞ւմ համար եմ այդպես դժվարությամբ պայքարում։ Նույնիսկ արտասանելն է ծիծաղելի․ Բլոկի։ Նա պետք է սովորի հասկանալ, թե ի՞նչ է նշանակում դա։ Նա առանց ընդմիջմա՞ն էր կարդում։ | ||
+ | |||
+ | ― Համարյա։ Միայն մի անգամ խմելու ջուր խնդրեց, և ես մի բաժակ տվեցի։ Հետո, ժամը ութին դուրս թողեցի և մի քիչ ուտելու բան տվեցի։ | ||
+ | |||
+ | Բլոկի շեղ հայացքը սահեց Կ֊ի վրայով․ կարծես նրան փառաբանող ինչ֊որ բան էր պատմվում այստեղ և պետք է Կ֊ի վրա նույնպես տպավորություն թողներ։ Այժմ նա լավ հույսեր էր փայփայում, որովհետև ավելի անկաշկանդ էր շարժվում և ծնկների վրա այսուայնկողմ էր ճոճվում։ Նրա անկաշկանդությունը ավելի հստակ երևաց, երբ փաստաբանի հաջորդ բառերից քարացավ։ | ||
+ | |||
+ | ― Գովում ես նրան, և հենց դա է դժվարացնում իմ խոսելը։ Դատավորը շատ անբարենպաստ կարծիք հայտնեց նրա մասին։ Ինչպես նրա, այնպես էլ՝ դատի։ | ||
+ | |||
+ | ― Անբարենպա՞ստ,― հարցրեց Լեննին։― Ինչպե՞ս կարող է պատահել։― Բլոկն այնպես լարված հայացքով էր նայում սպասուհուն, կարծես դատավորի վաղուց արտահայտած մտքերը այժմ ի նպաստ իրեն շրջելու ունակ էր համարում աղջկան։ | ||
+ | |||
+ | ― Անբարենպաստ,― ասաց փաստաբանը։― Նա նույնիսկ տհաճ ապրումներ ունեցավ, երբ ես սկսեցի Բլոկի մասին խոսել։ | ||
+ | |||
+ | ― Նրա մասին մի խոսեք,― ասաց։ | ||
+ | |||
+ | ― Բայց նա իմ պաշտպանյալն է։ | ||
+ | |||
+ | ― Դուք թույլ եք տալիս, որ նա չարաշահի Ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Ես նրա գործը տանուլ տված չեմ համարում,― առարկեցի ես։ | ||
+ | |||
+ | ― Նա չարաշահում է Ձեզ,― կրկնեց դատավորը։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հավատում,― ասացի։― Դատավարության գործում Բլոկը ջանասեր է և միշտ հետևում է գործին։ Նա համարյա թե ինձ մոտ է բնակվում, որ շարունակ ընթացքին հետամուտ լինի։ Նման ջանք ու եռանդ ոչ միշտ է կարելի տեսենլ։ Իհարկե, նա տհաճ անձնավորություն է, կեղտոտ է, զզվելի վարվելաձևեր ունի, սակայն դատավարության տեսակետից անբասիր է։ Ես անբասիր ասացի, ես դիտմամբ չափազանցրի։ Ի պատասխան նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Բլոկը պարզապես խորամանկ է։ Նա շատ փորձ է կուտակել և կարողանում է դիտավորյալ ձգձգել գործը։ Սակայն նրա անտեղյակությունն ավելի մեծ է, քան խորամանկությունը։ Ի պատասխան ի՞նչ կասի նա, եթե իմանա, որ իր դատավարությունը դեռ չի սկսվել, եթե լսի, որ դատավարության սկիզբն ազդարարող զանգն անգամ դեռ չի հնչել։ Հանգիստ, Բլոկ։― Սաստեց փաստաբանը, որովհետև Բլոկն իրոք սկսեց բարձրանալ ուժ չտվող ծնկների վրա և բացահայտորեն մտադիր էր ավելի լայն պարզաբանում խնդրել։ Հանգամանալից խոսելով, փաստաբանը, այս ընթացքում առաջին անգամ, ուղղակի դիմեց Բլոկին։ Նրա հոգնած աչքերը ոչ այն է անորոշ ուղղությամբ էին նայում, ոչ այն է ներքև՝ Բլոկին, որն այդ հայացքի տակ նորից դանդաղ ծնկի իջավ։ | ||
+ | |||
+ | ― Դատավորի ասած խոսքը քեզ համար ոչ մի նշանակություն չունի,― ասաց փաստաբանը։― Յուրաքանչյուր բառից մի սարսափիր։ Եթե նման բան կրկնվի, այլևս ոչինչ չեմ հայտնի քեզ։ Անհնար է որևէ մի նախադասություն սկսել, առանց այն բանի, որ դու ամեն անգամ չմտածես, թե հիմա վերջնական դատավճիռը կհնչի։ Գոնե իմ հայցվորից ամաչիր։ Դրանով դու նրա հանդեպ ունեցած իմ վստահությունը ևս խախտում ես։ Քեզ ի՞նչ է հարկավոր․ կենդանի ես ու դեռ իմ հովանավորության տակ ես ապրում։ Վախն ավելորդ է։ Ինչ֊որ տեղ կարդացել ես, թե որոշ դեպքերում վերջնական վճիռը անսպասելի է վրա հասնում, կարելի է ուզած ժամանակ, ուզած մարդուց իմանալ։ Մի քանի վերապահումներով, դա, համենայնպեդս, այդպես է, բայցև նույնքան ճիշտ է, որ քո վախը զզվեցնում է ինձ, և քո վախի մեջ անհրաժեշտ վստահության պակաս եմ տեսնում։ Ես ի՞նչ ասացի որ։ Միայն դատավորներից մեկի խոսքերը կրկնեցի։ Դու գիտես, տարբեր տեսակետներն այնպես խետ են օղակել հետաքննությունը, որ հնարավոր չէ դրանց խորքը թափանցել։ Այս դատավորն, օրինակ, հետաքննության սկիզբը մի այլ ժամանակահատվածից է վերցնում, ես՝ այլ։ Տարբեր կարծիքներ են և ուրիշ ոչինչ։ Դատավարության որոշակի մի շրջանում, ըստ հին ավանդույթի, նաև զանգը կհնչեցվի։ Այդ դատավորի կարծիքով, միայն դրանից հետո կսկսվի դատը։ Դրան դեմ խոսող բոլոր փաստերը ես հիմա չեմ կարող ասել քեզ․ մեկ է, չես հասկանա։ Բավական է իմանաս, որ դրան առարկող շատ փաստարկներ կան։ | ||
+ | |||
+ | Մտախոհ Բլոկը մատներով խաղում էր մահճակալի մոտ գցված մորթու հետ։ Դատավորի խոսքերի պատճառով վախը նրան ստիպել էր առժամանակ մոռանալ փաստաբանի հանդեպ ունեցած հպատակության զգացումը։ Նա միայն մի բանի մասին էր մտածում և բոլոր կողմերից քննում էր դատավորի բառերը։ | ||
+ | |||
+ | ― Բլոկ,― զգուշացնող տոնով ասաց Լեննին և նրա պիջակի օձիքից բռնած, փոքր֊ինչ վեր քաշեց։― Այժմ հանգիստ թող մորթին ու լսիր փաստաբանին։ | ||
+ | |||
+ | <b>Այս գլուխն անավարտ է մնացել</b> | ||
+ | |||
+ | |||
+ | ==Տաճարում== | ||
+ | |||
+ | Կ֊ի հանձնարեցին արվեստի մի քանի հուշարձաններ ցույց տալ առաջին անգամ իրենց քաղաքը ժամանած, բանկի համար շատ կարևոր իտալացի պատվիրատուին։ Այդ հանձնարարությունը նա ուրիշ ժամանակ, ինչ խոսք, պատվաբեր կհամարեր, բայց այժմ, երբ միայն մեծ ջանքերի գնով էր կարողանում իր դիրքը պահպանել բանկում, ակամայից ընդունեց։ Գրասենակից հեռու ուղարկվելու ամեն մի ժամը նրան հոգս էր պատճառում։ Աշխատաժամանակը նա բնավ չէր կարողանում օգտագործել առաջվա պես։ Թեև ժամեր էին լինում, երբ մի կերպ ձևացնում էր, թե զբաղված է, բայց նրա մտատանջություններն առավել մեծ ճափերի էին հասնում, երբ գրասենյակից դուրս էր գտնվում։ Այդ պահերին նրան թվում էր, թե տեսնում է տնօրենի տեղակալին՝ ժամանակ առ ժամանակ իր աշխատասենյակը մտնելիս (վերջինս կարծես շարունակ դարան մտած լիներ), ինչպես էր նա նստում գրասեղանի մոտ, քրքրում թղթերը, ընդունում այն այցելուներին, որոնց հետ Կ֊ի տարիներ ի վեր ունեցած ծանոթությունը մտերմության էր վերածվել, նրանց իր կողմն էր գրավում, գուցե նաև սխալներ էր բացահայտում, որոնք թվում էր, թե այժմ՝ աշխատանքի ժամանակ, սպառում էին բոլոր կողմերից, և որոնցից նա չէր կարող խուսափել։ Դրանից հետո բավական էր թեկուզ այսպիսի առանձնահատուկ դեպքերի կապակցությամբ գործնական նպատակներ հետապնդող կամ հենց կարճատև ճամփորդության հետ կապված որևէ հանձնարարություն տային (նման հանձնարարությունները վերջերս շատացել էին պատահաբար), որ նա սկսեր ենթադրել, թե ուզում են կարճ ժամանակով գրասենակից հեռացնել իրեն, աշխատանքը վերստուգել են ուզում կամ, առնվազն, որ գրասենյակում իրեն արդեն փոխարինման ենթակա մարդ են համարում։ Նման առաջադրանքների մեծ մասը նա կկարողանար առանց դժվարության մերժել, բայց չէր համարձակվում, որովհետև եթե վախը նվազագույն չափով իսկ հիմնավորված լիներ, ապա առաջադրանքը մերժելը սեփական վախի խոստովանություն կնշանակեր։ Այդ պատճառով նա նման հանձնարարությունները թվացյալ անտարբերությամբ էր ընդունում և, երկօրյա հոգնացուցիչ ուղևորության գնալիս, նույնիսկ լռության մատնելուց լրջորեն մրսած լինելու հանգամանքը, որ, այդ օրերի աշնանային անձրևային եղանակը վկայակոչելով՝ ուղևորությունից ետ պահվելու վտանգին չենթարկեր իրեն։ Ուղևորությունից սարսափելի գլխացավով վերադառնալով՝ նա իմացավ, որ իրեն հաջորդ օրվա համար իտալացի պատիրատուի ուղեկցող են նշանակել։ Գոնե այս անգամ հակառակվելու գայթակղությունը ծատ մեծ էր և ամենից առաջ կապված էր այն բանի հետ, որ վաղվա համար նկատի ունեցած հանձնարարությունը գործարքների հետ անմիջական կապ ունեցող աշխատանք չէր, ու թեև իտալացի պատվիրատուի հանդեպ հասարակական աշխատանքը կատարելու պարտքը, անկասկած, բավական կարևոր էր, ապա թերևս ոչ Կ֊ի համար, քանզի նա շատ լավ գիտեր, որ ինքը միայն աշխատանքնային հաջողությունների շնորհիվ է կարող բանկում պահպանել իր դիրքը, և եթե դա չհաջողվի, թեկուզ իտալացուն անսպասելիորեն հմայել էլ կարողանա, միևնույն է, բանկում լրիվ ավելորդ մարդ կլինի։ Նա չէր ուզում նույնիսկ մի օր աշխատանքից հեռու լինել, որոհվետև այլևս ներս թողնված չլինելու վախը անսովոր մեծ էր, մի վախ, որ ավելի շուտ հաստատ էր, քան չափազանցված և նրան շատ էր նեղում։ Սակայն այս անգամ համարյա անհնար էր որևէ համոզիչ պատրվակ գտնելը։ Կ֊ն թերև վարժ չէր տիրապետում իտալարենին, բայց բավարար գիտելիքներ ուներ, իսկ կարևորն այն էր, որ մի ժամանակ արվեստի պատմություն էր ուսումնասիրել, և դա անասելի չափազանցված կերպով բանկում հայտնի էր դարձել նրանով, որ նա երբևէ (ի դեպ, էլի զուտ գործնական նկատառումներից ելնելով) քաղաքի արվեստի հուշարձանների պահպանության ընկերության անդամ էր եղել։ Իսկ իտալացին, ինչպես խոսակցություններից էին իմացել, արվեստի սիրահար էր, և դրանից հետո Կ֊ի՝ ուղեկցողի դերում հանդես գալու թեկնածությունն ինքնին հասկանալի էր դարձել։ | ||
+ | |||
+ | Ուժեղ անձրև էր գալիս, և քամի էր, երբ Կ֊ն առավոտյան ժամը յոթին, իրեն սպասվող օրվա վրա խիստ զայրացած, գրասենյակ մտավ։ Մինչև այցելուի տրամադրության տակ անցնելը նա մտադիր էր որոշ բաներ վերջացնել։ Նա շատ էր հոգնած, որովհետև, այսօրվա համար նախապատրաստվել ցանկանալով, գիշերվա կեսն իտալերենի քերականության ուսումնասիրությամբ էր անցկացրել։ Գրասենյակի պատուհանը, ուր վերջին ժամանակներս շատ հաճախ էր նստում, ավելի էր գրավում, քան գրասեղանը, բայց նա ընդդիմացավ այդ ցանկությանն ու աշխատանքի նստեց։ Ցավոք, իսկույն ներս մտավ ծառան և զեկուցեց, որ պարոն տնօրենը իրեն ուղարկել է իմանալու՝ արդյոք պարոն հավատարմատարը եկե՞լ է արդեն, իսկ եթե եկել է, ապա թող սիրալիր լինի և անցնի ընդունարան, որովհետև իտալացի պարոնն արդեն այնտեղ է։ | ||
+ | |||
+ | ― Գալիս եմ,― ասաց նա, մի փոքր բառարան դրեց գրպանը, քաղաքի տեսարժան վայրերի ալբոմը, որ ինքն էր անծանոթի համար նախատեսել, առավ թևի տակ և տնօրենի տեղակալի աշխատասենյակի միջով անցավ տնօրենի առանձնասենյակը։ Թեև հավանաբար ոչ ոք էլ չհավատար, բայց նա ուրախ էր այդպես շուտ գրասենյակ գալու և անմիջապես պետք գալ կարողանալու համար։ | ||
+ | |||
+ | Տնօրենի տեղակալի գրասենյակը դատարկ էր, ինչպես կարող էր լինել ուշ գիշերին։ Ծառային հավանաբար պատվիրել էին նրան ևս ընդունարան կանչել, բայց ծառայի ջանքերը ապարդյուն էին անցել։ | ||
+ | |||
+ | Երբ Կ֊ն ընդունարան մտավ, երկու պարոնները վեր կացան բազկաթոռներից։ Տնօրենը բարեկամաբար ժպտաց․ նա անկեղծ ուրախ էր Կ֊ի գալու համար և անմիջապես ծանոթացրեց նրանց։ Իտալացին սեղմեց Կ֊ի ձեռքը և, ժպտալով, ինչ֊որ մեկին «շուտ արթնացող» անվանեց։ Կ֊ն ճիշտ չհասկացավ, թե իտալացին ում նկատի ուներ, դրանից բացի, բառն անսովոր էր, և դրա իմաստը նա քիչ անց նոր հասկացավ։ Կ֊ն մի քանի սահուն նախադասությամբ պատասխանեց, որոնք իտալացին ծիծաղով ընդունեց և դալուկ֊նյարդային ձեռքը բազմիցս տարավ կապտամոխրագույն, թավ բեղերի վրայով։ Բեղերը հաստատ օծանելիքով էին օծված․ քիչ էր մնում մարդ մոտենար ու հետ քաշեր։ Երբ բոլորը նստեցին, և ներածական բնույթի փոքր զրույց սկսվեց, Կ֊ն մեծ տհաճությամբ նկատեց, որ միայն տեղ֊տեղ է հասկանում իտալացուն։ Երբ դիմացինը հանգիստ էր խոսում, համարյա լրիվ հասկանում էր, բայց այդ պահերը հազվադեպ բացառություններ էին․ բառերը նրա բերանից մեծ մասամբ հորդում էին, և նա՝ կարծես դրա հաճույքից թափահարում էր գլուխը։ Այդպես խոսելու ժամանակ նա շարունակ ինչ֊որ բարբառի մեջ էր խճճվում, որն արդեն Կ֊ի համար իտալերեն չէր, մինչդեռ տնօրենը ոչ միայն հասկանում, այլ նաև խոսում էր նույն բարբառով։ Կ֊ն պետք է նախատեսած լիներ այդ հանգամանքը․ իտալացին ծագումով հարավային մարզերից էր, իսկ տնօրենը մի քանի տարի եղել էր այնտեղ։ Համենայնդպես, Կ֊ն նկատեց, որ ինքը մեծ մասամբ զրկված է իտալացու հետ բացատրվելու հնարավորությունից, որովհետև նրա ֆրանսերենը նույնպես դժվար հասկանալի էր, դրան գումարած նաև, որ բեղերը ծածկում էին շուրթերի շարժումները, իսկ շուրթերին նայելով նույնպես կարելի կլիներ որոշ բաներ հասկանալ։ Կ֊ն սկսեց բազմաթիվ տհաճություններ կանխատեսել և ժամանակավորապես վերջ տվեց իտալացուն հասկանալու ջանքերին (տնօրենքը շատ լավ հասկանում էր իտալերեն, իսկ նրա ներկայությամբ ջանքերն ավելորդ էին) և սահմանափակվեց միայն դժգոհ տեսքով հյուրին զննելով․ ինչպես էր նա խորը, բայց թեթև նստել բազկաթոռին, ինչպես մի քանի անգամ ձգեց իր կարճափեշ, սուր ձևվածքի պիջակը, ինչպես բարձրացրեց թևերը և ազատ շարժվող ձեռքերով փորձեց ինչ֊որ բան ներկայացնել, որը Կ֊ն՝ թեև առաջ էր թեքվել ու աչքերը չէր հեռացնում ձեռքերից, ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ։ Հայացքով մեքենայաբար խոսողներին հետևող Կ֊ն աստիճանաբար զգաց նախորդ օրերի հոգնածությունը և, ի սարսափ իրեն, բարեբախտաբար ճիշտ ժամանակին ուշքի եկավ ցրված, անմիջապես ոտքի կանգնելու, շուռ գալու և դուրս գալու ցանկությունից։ Իտալացին վերջապես նայեց ժամացույցին և ոտքի ելավ։ Տնօրենին հրաժեշտ տալուց հետո նա այնպես կիպ սեղմվեց Կ֊ին, որ վերջինս շարժվել կարողանալու համար ետ քաշեց բազկաթոռը։ | ||
+ | |||
+ | Տնօրենը, Կ֊ի դեմքին նայելով, հաստատ նկատել էր իտալացու ներկայությամբ նրան տիրած անհարմար վիճակը։ Նա նրբանկատորեն ու խելացի միջամտեց զրույցին, և դա այն տպավորությունը թողեց, թե հակիրճ մի քանի խորհուրդներ է տալիս, բայց իրականում Կ֊ին բացատրեց այն ամենը, ինչ իտալացին էր շարունակ զրույցին խառնվելով ասում։ Կ֊ն տեղեկացավ, որ պատվիրատուն առայժմ պետք է իր մի քանի գործերը հոգա և ցավոք, քիչ ժամանակ կունենա սակայն ոչ մի դեպքում մտադիր չէ բոլոր տեսարժան վայրերը միայն թռուցիկ կերպով նայել֊անցնել։ Եթե Կ֊ն համաձայնի՝ նա է որոշողը, ապա ինքն ուզում է նայել միայն տաճարը, բայց՝ հիմնովին։ Նա անկեղծ ուրախ է այցելությունը նման կիրթ ու սիրալիր մարդու հետ (նկատի ունենալով Կ֊ին, որի գործն այժմ իտալացու խոսքերը չլսելու տալն ու սոսկ տնօրենին հասկանալն էր) կատարելու համար և խնդրում է նրան, եթե հարմար է, երկու ժամից՝ ժամը տասի կողմը, լինել տաճարում։ Ինքը հույս ունի, որ նշված ժամին հաստատ կկարողանա այնտեղ լինել։ Կ֊ն համաձայնություն տվող մի քանի բան ասաց․ իտալացին նախ տնօրենի ձեռքը սեղմեց, հետո՝ Կ֊ի, հետո՝ նորից տնօրենի, և երկուսի ուղեկցությամբ, միայն կիսով չափ նրանց կողմը շրջված, խոսելը չդադարեցնելով, դեպի դուռը գնաց։ Կ֊ն որոշ ժամանակ ևս մնաց տնօրենի մոտ․ վերջինիս տեսքը այնքան էլ լավ չէր։ Տնօրենը պարտավորված էր զգում ներողություն խնդրել Կ֊ից (այդ պահին ներքն շատ մոտ էին կանգնել), որովհետև նախ մտադիր էր եղել անձամբ ուղեկցել իտալացուն, հետո, սակայն, մտածել էր, որ ավելի լավ կլինի, եթե Կ֊ն գնա։ Միաժամանակ տնօրենը ոչ մի մոտավոր հիմավորում չտվեց։ Եթե հանկարծ Կ֊ն իտալացուն հենց առաջին բառերից չհասկանա, ասաց նա, թող չանհանգստանա, որովհետև շատ շուտով կսկսի հասկանալ, իսկ եթե հանկարծ ընդհանրապես շատ բան չհասկանա էլի ոչինչ, որովհետև իտալացու համար դա այնքան էլ կարևոր չէ։ Ի դեպ, պետք է ասել, որ Կ֊ի իտալերենը հաճելի անակնկալ էր և նա, հիանալի գլուխ կհանի գործից։ | ||
+ | |||
+ | Տնօրենն այսպես բաժանվեց Կ֊ից։ Ազատ մնացած ժամանակը Կ֊ն անցկացրեց տաճարում օգտագործման համար անհրաժեշտ բառերը բառարանից դուրս բերելով։ Չափազանց զզվեցնող աշխատանք էր։ Ընթացքում ծառաները բերեցին օվրա փոստը, ծառայողներն էին գալիս տարբեր հարցերով, և, տեսնելով, որ Կ֊ն զբաղված է, մնում էին դռան մոտ կանգնած, չէին հեռանում, սակայն, մինչև Կ֊ն լսում էր նրանց, տնօրենի տեղակալն էլ իրեն չզրկեց Կ֊ին խանգարելու հաճույքից․ հաճախ էր ներս գալիս, ձեռքից վերցնում էր բառարանը, աննպատակ թերթում։ Երբ դուռը բացվում էր, այցելուներ էին երևում նախասենյակի կիսախավարի մեջ և, վարանելով, խոնարհվում էին, նրանք ուզում էին իրենց վրա հրավիրել Կ֊ի ուշադրությունը, բայց այնքան էլ վստահ չէին, թե նա տեսել է իրենց։ Այդ ամենի առանցքը կարծես Կ֊ն լիներ, բոլորը նրա շուրջն էին պտտվում, մինչդեռ նա բառարանն էր քրքրում, բառեր դուրս գրում, անհրաժեշտ բառակապակցություններ էր կազմում, փորձում էր դրանց հնչողությունը և ձգտում անգիր սովորել։ Ինչ֊որ ժամանակ նա լավ հիշողություն էր ունեցել, բայց այժմ թվում էր, թե այդ շնորհը լրիվ լքել է իրեն։ Նա երբեմն այնպես էր զայրանում նման չարչարանք պատճառող իտալացու վրա, որ այլևս չնախապատրաստվելու հաստատ մտադրությամբ բառարանը թղթերի տակ էր թաղում, բայց հետո մտածում էր, որ ախր չէր կարող տաճարի գլուխգործոցների դիմաց իտալացու ընկերակցությամբ միայն հետուառաջ քայլել և այս անգամ ավելի մեծ կատաղությամբ էր դուրս քաշում այն։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ուղիղ ինն անց երեսուն րոպեին, երբ արդեն դուրս ելնել էր ուզում, հեռախոսը զնգաց։ Լեննին նրան բարի լույս մաղթեց, հարցրեց տրամադրությունը, Կ֊ն փութով շնորհակալություն հայտնեց և նկատեց, որ այժմ զրույցի բռնվելու հնարավորություն չունի, որովհետև պետք է տաճար գնա։ | ||
+ | |||
+ | ― Տաճա՞ր։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ այդպես, տաճար։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ կա տաճարում։― Կ֊ն փորձեց երկու խոսքով բացատրել, բայց հազիվ էր բերանը բացել, երբ Լեննին հանկարծ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նրանք հետապնդում են քեզ։ | ||
+ | |||
+ | Կ֊ն ափսոսանք չզգաց, որ ոչ զանգել է, ոչ էլ սպասել, երկու բառով արագ հրաժեշտ տվեց նրան, բայց երբ լսափողը կախում էր, ոչ այն է ինքնիրեն, ոչ այն է հեռվում գտնվող աղջկան՝ որ այլևս չէր կարող լսել, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այո, նրանք հետապնդում են ինձ։ | ||
+ | |||
+ | Արդեն ուշ էր, և վտանգ կար, որ կարող է ճիշտ ժամանակին այնտեղ չլիներ։ Մեքենա նստեց։ Վերջին պահին էր հիշել ալբոմի մասին, որն ավելի շուտ հանձնելու ոչ մի առիթ չէր գտել և այդ պատճառով հետն էր վերցրել․ դրել էր ծնկներին և ողջ ճանապարհին անհանգիստ տկտկացնում էր ալբոմի կողին։ Անձրևը թուլացել էր, բայց եղանակը խոնավ էր, ցուրտ ու ամպամած։ Տաճարում շատ բան տեսնել հնարավոր չէր լինի և, հավանաբար, սառը սալահատակին երկար կանգնելը պատճառ դառնար առանց այն էլ հիվանդ Կ֊ի վիճակի վատանալուն։ | ||
+ | |||
+ | Տաճարի հրապարակն ամայի էր։ Դեռ մանկության տարիներից տպավորված մի բան հիշեց Կ֊ն․ այս փոքր հրապարակը շրջապատող տների համարյա բոլոր պատուհանների վարագույներն իջեցված էին։ Այդ հանգամանքը այսօրվա եղանակին ավելի հասկանալի էր, քան երբևէ։ Տաճարը նույնպես դատարկ էր թվում։ Իհարկե, ոչ ոքի մտքով չէր անցնի այստեղ գալ։ Նա արագ աչք ածեց երկու կողմնային նավերը, նրանցից մեկում տաք գլխաշորով փաթաթված մի ծեր կնոջ տեսավ, որ ծնկի էր իջել Մարիամ Աստվածածնի նկարի դիմաց ու նայում էր, դռներից մեկի մեջ անհետացող մի կաղ սպասավոր երևաց հեռվում։ Կ֊ն ճիշտ ժամանակին էր եկել, ներս մտնելիս ժամը տասն էր խփել, բայց իտալացին չկար։ Նա ետ դարձավ դեպի գլխավոր մուտքը, իր անելիքները չիմանալով, որոշ ժամանակ կանգնեց այնտեղ, անձրևի տակ մի անգամ պտտվեց տաճարի շուրջը և ուզեց պարզել՝ արդյոք իտալացին կողային մուտքերից մեկի մո՞տ էր սպասում։ Նա ոչ մի տեղ չկար։ Գուցե տնօրենը ճիշտ չէ՞ր հասկացել ժամը։ Եվ ինչպե՞ս կարելի էր ճիշտ հասկանալ այդ մարդուն։ Ինչ ուզում է լիներ, Կ֊ն առնվազն կես ժամ պետք է սպասեր։ Որովհետև հոգնած էր և նստել էր ուզում, նա նորից վերադարձավ տաճար, աստիճաններից մեկի վրա գորգանման փալասի կտոր գտավ, կոշիկի քթով մինչև մոտակա նստարանը քաշեց, ավելի ամուր փաթաթվեց վերարկուի մեջ, բարձրացրեց օձիքը և նստեց։ Ինչ֊որ բանով զբաղված լինելու համար նա բացեց ալբոմը, մի քիչ թերթեց, սակայն շուտով ստիպված էր դադարեցնել նկարները նայելը, որովհետև ներսում այնպես մթնեց, որ վեր նայելով հազիվ կարողացավ մոտակա կողմնային նավի ներսում որևէ բան զանազանել։ Գլխավոր զոհասեղանի վրա՝ խորքում, մոմերի լույսի եռանկյունին էր կայծկլտում։ Կ֊ն հաստատ չէր կարող ասել, թե ներս մտնելիս տեսել էր դրանք․ եկեղեցու սպասավորները հուշիկ շարժվելու մեջ մասնագիտացած էին, նրանց հնարավոր չէր նկատել։ Երբ Կ֊ն պատահաբար շրջվեց, իրենից ոչ այնքան հեռու, սյանը կպցրած երկար, հաստ, վառվող մի մոմ էլ տեսավ։ Թեկուզ դա ինչքան էլ գեղեցիկ լիներ, կողային զոհարաններում մեծ մասամբ խավարի մեջ կախված սրբապատկերների լուսավորման համար, միևնույն է, բավական չէր․ մոմերի լույսը ավելի շուտ կրկնապատկում էր խավարը։ Այն, որ իտալացին չեկավ, որքան խելացի, նույքան էլ անքաղաքավարի քայլ էր․ ոչինչ հնարավոր չէր լինի տեսնել, ստիպված պետք է Կ֊ի գրպանի լապտերով՝ մաքսատան ծառայողի նման, մի քանի նկար փնտրեին։ Կ֊ն ցանկացավ փորձել, թե ինչ կստացվեր դրանից, գնաց կողային մատուռը, մի քանի աստիճան բարձրացավ մինչև մարմարյա ցածրիկ եզրապատը և, նրա վրա կռանալով, լապտերի լույսն ուղղեց սրբապատկերին․ անշեջ կանթեղի լույսը կուրացնելով կախվեց օդում։ Առաջին բանը, որ Կ֊ն տեսավ ու մասամբ կռահեց, նկարի առաջին պլանում պատկերված, զրահավորված մեծ ասպետն էր։ Նա հենվել էր իր առջև լերկ գետնի մեջ (այսուայնտեղ խոտի մի քանի ցողուն էին երևում միայն) խրած սրին և ուշադիր, կարծես իր աչքերի առաջ տեղի ունեցող ինչ֊որ բանի էր հետևում։ Զարմանալի էր, որ նա կանգնել էր այդպես և չէր մոտենում։ Գուցե պահակ էին նշանակել նրան։ Կ֊ն, որ վաղուց ոչ մի նկար չէր նայել, չնայած շարունակ թարթում էր աչքերը (կանաչ լույսը վատ էր ազդում տեսողությանը), երկար զննեց ասպետին։ Երբ նկարի մյուս մասն էլ լուսավորեց, տեսավ, որ այնտեղ Քրիստոսի թաղումն է պատկերված՝ սովորական մեկնաբանությամբ։ Ի դեպ, այս նկարն ավելի նոր էր։ Նա լապտերը դրեց գրպանը և գնաց դեպի իր նստարանը։ | ||
+ | |||
+ | Իտալացուն սպասելն, հավանաբար, անիմաստ էր արդեն։ Դրսում հորդառատ անձրև էր տեղում, և որովհետև այստեղ այնքան էլ ցուրտ չէր, ինչպես ինքն էր կարծում, Կ֊ն որոշեց առայժմ մնալ։ Նրա հարևանությամբ եկեղեցու բարձր ամբիոնն էր, որի կլոր, փոքր տանիքին ոսկե սնամեջ՝ մի ծայրով հատվող, երկու խաչ էր դրված։ Ճաղաշարի դրսի պատը և ամբիոնը պահող սյան կողմը տանող անցումը կանաչ տերևներով էր ձևավորված, նախշերից փոքրիկ հրեշտակներ էին բռնել՝ ոչ այն է աշխույժ, ոչ այն է՝ հանգիստ։ Կ֊ն մոտեցավ ամբիոնին և բոլոր կողմերից զննեց։ Շատ նուրբ մշակված քարի նախշերի արանքի և նրանց հետևի խիտ ստվերը գտնված և այդ վիճակում սևեռված թվաց Կ֊ին։ Նա ձեռքը դրեց այդպիսի մի բացվածքի մեջ և զգուշությամբ շոշափեց քարը․ այդ ամբիոնի գոյության մասին առայսօր չէր իմացել։ Նույն պահին նա պատահաբար նկատեց նստարանների հաջորդ շարքի հետևում կանգնած եկեղեցու սպասավորին։ Նրա հագին երկար, ծալքավոր սև զգեստ էր, ձախ ձեռքում պահել էր քթախոտի տուփը և Կ֊ին էր նայում։ | ||
+ | |||
+ | ― Տեսնես ի՞նչ է ուզում,― մտածեց Կ֊ն։― Կասկածո՞ւմ է, թե՞ թեյի փող է ուզում։ | ||
+ | |||
+ | Երբ սևազգեստ մարդը հասկացավ, որ Կ֊ն նկատել է իրեն, երկու մատների արանքում դեռ մի պտղունց քթախոտ պահած աջ ձեռքը անորոշ ուղղությամբ պարզեց։ Նրա շարժումներն անհասկանալի էին։ Կ֊ն մի փոքր էլ սպասեց, բայց մարդը չէր դադարում ձեռքով ցույց տալ և, ի լրումն դրա, դեռ գլխով էր անում։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ է ուզում,― ցածրաձայն հարցրեց Կ֊ն, որովհետև այստեղ չէր համարձակվում բղավել։ Հետո նա հանեց դրամապանակը և մոտ գնալու համար անցավ նստարանների միջով, սակայն սպասավորը մերժելու շարժում արեց անմիջապես, թոթվեց ուսերը և կաղին տալով հեռացավ։ Երեխա ժամանակ Կ֊ն շատ էր փորձել շտապ հեռացող մարդու կաղ քայլվածքին նմանվող վազքով ձի քշելու շարժումները նմանակել։ | ||
+ | |||
+ | «Մանկամիտ ծերունի է»,― մտածեց Կ֊ն։― «Նրա խելքը միայն եկեղեցում ծառայելու համար է բավականացնում։ Երբ ես կանգնում եմ, նա էլ է կանգնում և նայում է, արդյոք առաջ գնալ չե՞մ ուզում»։ Կ֊ն՝ ժպտալով, մինչև գլխավոր զոհասեղանի աստիճանները հասնելը ողջ կողմնային նավով մեկ հետևեց սպասավորին։ Ծերունին շարունակ ինչ֊որ բան էր ցույց տալիս, բայց Կ֊ն չէր շրջվում․ մատնացույց անելը հետքից շեղելուց բացի, ուրիշ նպատակ ուներ հաստատ։ Ի վերջո, նա հանգիստ թողեց ծերունուն, որովհետև չէր ուզում շատ վախեցնել նրան և, դրանից բացի, չէր ուզում վերջնականապես քշել այս ուրվականին, որովհետև իտալացին դեռ կարող էր գալ։ | ||
+ | |||
+ | Երբ նստած տեղը փնտրելու համար Կ֊ն կենտորանակն նավը վերադարձավ (ալբոմն էլ էր այնտեղ թողել), սյան մոտ՝ երգչախմբի նստարաններին համարյա կպած, պարզ կառուցվածքի, չնախշազարդված, անգույն քարից շինված մի ուրիշ, ավելի փոքր ամբիոն տեսավ։ Կառույցն այնքան փոքր էր, որ հեռվից թվում էր, թե սրբաքանդակի համար նախատեսված, բայց առայժմ դատարկ որմնախորշ է՝ լայնությամբ քարոզչի հազիվ մի քայլին հավասար։ Դրանից բացի, ամբիոնի քարե կամարը անսովոր կախ էր և ուղիղ, թեև զարդածածկ չէր, բայց այնպես էր վեր ոլորվում, որ միջահասակ մարդն անգամ չէր կարողանա ուղիղ կանգնել այնտեղ․ պետք է շարունակ կռացած լինել։ Ամբողջական վերցրած, դա կարծես քարոզչին տանջելու համար էր մտածված և հասկանալի չէր, թե ինչ նպատակի էր ծառայելու այս ամբիոնը, երբ մյուսը՝ մեծ ու ճաշակով զարդարված, արդեն կար։ | ||
+ | |||
+ | Կ֊ն փոքր ամբիոնը, անշուշտ, չէր էլ նկատի, եթե դրա վերևում մի փոքր լամպ ամրացված չլիներ․ սովորաբար միայն քարոզ կարդալուց անմիջապես առաջ էին այդպես անում։ Դատարկ եկեղեցում քարո՞զ էին կարդալու հիմա։ Նա նայեց սյունը գրկած, դեպի ամբիոնը ոլորվող աստիճաններին․ այնքան նեղ էին, որ կարծես ոչ թե կոնկրետ նպատակի, այլ սյունը զարդարելու համար էին նապատեսված։ Սակայն ամբիոնի տակ իրոք կանգնել էր հոգևորականը (Կ֊ն զարմացած ժպտաց) և, բարձրանալ պատրաստվելով, ձեռքը բազրիքին պահած, Կ֊ի կողմն էր նայում։ Նա հազիվ նկատելի գլխով արեց, Կ֊ն խաչ հանեց և խոնարհվեց․ ի դեպ, ավել շուտ պետք է արած լիներ։ Հոգևորականը թեթևակի թափ առավ և մանր, արագ քայլերով դեպի ամբիոնը բարձրացավ։ Իրո՞ք քարոզ է սկսվելու։ Հավանաբար սպասավորն այնքան էլ ծալապակաս չէր, ցանկանում էր քարոզչի մոտ տանել Կ֊ին, իսկ դատարկ եկեղեցում դա անհրաժեշտ էր։ Իմիջիայլոց, ինչ֊որ տեղ՝ Մարիամ Աստվածածնի նկարի մոտ, չոքած մի պառավ էլ կար, և պետք է որ նա էլ գար։ Իսկ եթե քարոզ էր լինելու, ինչո՞ւ նախ երգեհոնի նվագ չհնչեց։ Երգեհոնը լռում էր և իր բարձրությունից թույլ պսպղում խավարի մեջ։ | ||
+ | |||
+ | Կ֊ն մտածեց, որ լավ կլինի, եթե հիմա շտապ հեռանա։ Չգնար, ոչ մի հեռանկար չկար, թե կկարողանար քարոզի ժամանակ հեռանալ և հետո ստիպված կլիներ մինչև ավարտը մնալ։ Գրասենյակում այդքան ժամանակ կորցրեց, և հիմա այլևս պարտավոր չէր սպասել իտալացուն։ Նա ժամացույցին նայեց․ տասնմեկն էր։ Բայց իրոք հնաարվո՞ր էր, որ քարոզ կարդային։ Միայն Կ֊ն կարո՞ղ էր ողջ համայնքը ներկայացնել։ Ի՞նչ կլիներ, եթե նա սոսկ եկեղեցին զննել ցանկացող օտար մարդ լիներ։ Ճիշտն ասած, նա օտար էլ էր։ Մտածելն անգամ ավելորդ էր, որ այժմ՝ աշխատանքային օրով, ժամը տասնմեկին, այս անտանելի եղանակին քարոզ էին կարդալու։ Հոգևորականը (նա անկասկած հոգևորական էր, թուխ, հարթ դիմագծերով երիտասարդ էր) հաստատ միայն սխալմամբ վառած լամպը հանգցնելու մտադրությամբ էր վեր բարձրանում։ | ||
+ | |||
+ | Սակայն Կ֊ն սխալվեց։ Հոգևորականն ավելի շուտ ստուգեց լուսավորությունը, մի փոքր բարձրացրեց պատրույգը, հետո դանդաղ շրջվեց դեպի ճաղաշարը և երկու ձեռքով բռնեց անկյունավոր եզրաքարը։ Այդպես նա որոշ ժամանակ կանգնեց և, առանց գլուխ շարժելու՝ շուրջը նայեց։ Կ֊ն մի մեծ տարածություն ընկրկել էր և կանգնել էր եկեղեցու նստարանների առաջին շարքին արմունկներով հենված։ Նրա անվստահ հայացքը անորոշ թափառեց եկեղեցու մեջ, կանգնեց ծուռմեջք սպասավորի վրա, որ, կարծես առաջադրանքը կատարելուց հետո, խաղաղված կուչ էր եկել։ Ի՜նչ անսովոր լռություն էր տիրում տաճարում։ Բայց Կ֊ն պետք է խախտեր լռությունը, որովհետև այստեղ մնալու մտադրություն չուներ։ Եթե հոգևորականի պարտքն էր պահանջում, որ նշված ժամին՝ առանց հանգամանքներն հաշվի առնելու, քարոզ կարդար, թող աներ, առանց Կ֊ի աջակցության դա նույն հաջողությունը կունենար, ինչպես նրա ներկայությունը չէր կարողանա ուժեղացնել ազդեցությունը։ Կ֊ն, այսպիսով, դանդաղ, նստարանները շոշափելով, ոտնաթաթերի վրա դուրս եկավ լայն միջանցքը և հանգիստ գնաց․ քարե հատակը ամենազգույշ քայլի դեպքում անգամ զրնգում էր, իսկ կամարները՝ կանոնավոր առաջ ընթանալուն զուգընթաց, թույլ և անդադար բազմապատկվող արձանանք էին տալիս։ Երբ նա եկեղեցու դատարկ նստարանների միջոց դուրս էր գնում (կրոնավորը, երևի, հայացքով հետևում էր), լքվածության ակնթարթային զգացում ունեցավ, միաժամանակ նրան թվաց, թե տաճարի մեծությունը հենց այն սահմանագծի վրա է, որին մարդ դեռ կարող է դիմանալ։ | ||
+ | |||
+ | Քիչ առաջ նստած տեղը հասնելով՝ նա, առանց կանգ առնելու, բառի բուն իմաստով ճանկեց ալբոմն ու ամուր սեղմեց իրեն։ Նստարանների արանքից դուրս գալուն և նստարանների ու ելքի միջև ընկած ազատ տարածությանն հասնելուն քիչ էր մնացել, երբ առաջին անգամ լսվեց հոգևորականի ձայնը։ Ազդեցիկ, փորձված ձայն էր։ Ինչպե՜ս տարածվեց ձայնին սպասող տաճարի մեջ։ Բայց հոգևորականը համայնքին չդիմեց․ դա ինքնին հասկանալի էր և հնարավոր չէր խուսափել։ | ||
+ | |||
+ | ― Յոզեֆ Կ․։― Գոչեց նա։ | ||
+ | |||
+ | Կ֊ն արձանացավ և նայեց դիմացը՝ հատակին։ Առայժմ նա ազատ էր, դեռ կարող էր շարունակել ճանապարհը և փայտաշեն երեք փոքր, մութ դռներից մեկով, որ այնքան էլ հեռու չէին իրենից, հեռանալ։ Դա կնշանակեր միայն, որ ինքը չի հասկացել կամ եթե անգամ հասկացել է, ապա չի ուզում այդ մասին մտածել։ Իսկ եթե շուռ գար, այլևս ոչինչ չէր կարողանա անել, որովհետև դրանով իսկ կխոստովաներ, որ շատ լավ էլ հասկացել է, որ ինքն է Յոզեֆ Կ֊ն, և որ կհետևի ձայնին։ Եթե հոգևորականը մի անգամ էլ ձայն տար, Կ֊ն անտարակույս կհեռանար, բայց որովհետև երկար սպասելուց հետո առաջվա պես լուռ էր, նա թեթևակի շրջեց գլուխը և ուզեց տեսնել, թե ինչով է զբաղված կրոնավորը։ Վերջինս հանգիստ կանգնել էր ամբիոնին, սակայն պարզ երևում էր, որ նկատել է Կ֊ի գլխի շարժումը։ Երեխայական պահմտոցի կլիներ, եթե Կ֊ն լրիվ շուռ չգար։ Նա այդպես էլ վարվեց, իսկ հոգևորականը մատը շարժելով ավելի մոտ կանչեց։ Որովհետև այժմ արդեն ոչինչ չէր կարելի թաքցնել, նա լայն քայլեորվ՝ համարյա ցատկելով, վազեց դեպի ամբիոնը։ Վազելու պատճառը հետաքրքրասիրությունն էր և, միաժամանակ՝ գործը կարճելու ձգտումը։ Առաջին նստարանների մոտ Կ֊ն կանգ առավ, բայց հեռավորությունը շատ մեծ թվաց հոգևորականին։ Նա ձեռքն առաջ պարզեց և ուղիղ ներքև թեքված ցուցամատով ամբիոնին կիպ մոտիկ տեղ ցույց տվեց։ Կ֊ն նորից հնազանդվեց։ Այդտեղ կանգնած, հոգևորականին տեսնելու համար նա պետք է լավ ետ գցեր գլուխը։ | ||
+ | |||
+ | ― Յոզեֆ Կ֊ն դո՞ւ ես,― ասաց հոգևորականը և, անորոշ շարժում անելով, բարձրացրեց ճաղաշարին հենված մի ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Այո։― Կ֊ն մտածեց, թե նախկինում ինչպիսի պարզությամբ էր տալիս վերջերս իր համար բեռ դարձած անունը։ Նրա անունը նաև այն մարդիկ գիտեին, ում հետ ինքն առաջին անգամ էր հանդիպում։ Ինչքան լավ էր, երբ նախ՝ ներկայացնում էին և հետո նոր՝ ծանոթանում։ | ||
+ | |||
+ | ― Դու մեղադրված ես։― Ձայնի շեշտված մեղմությամբ ասաց հոգևորականը։ | ||
+ | |||
+ | ― Գիտեմ։ Ինձ տեղյակ են պահել։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դու իմ փնտրած մարդն ես։ Ես բանտի քահանան եմ։ | ||
+ | |||
+ | ― Ահա՜ թե ինչ։ | ||
+ | |||
+ | ― Ես կարգադրել եմ այստեղ կանչել քեզ, որ խոսեմ հետդ։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեի։ Ես տաճարը մի իտալացու ցույց տալու նպատակով եմ եկել։ | ||
+ | |||
+ | ― Անկարևոր բաները թող։ Ձեռքինդ ի՞նչ է։ Արդյոք աղոթագիրք չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, քաղաքի տեսարժան վայրերի ալբոմն է։ | ||
+ | |||
+ | ― Մի կողմ դիր,― ասաց քահանան։ Կ֊ն այնպես մի կողմ նետեց, որ ալբոմը՝ ջարդոտված էջերով, մի կարճ տարածություն սահեց հատակի վրա։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ս, որ քո դատավարության վիճակը ծանր է։ | ||
+ | |||
+ | ― Ինձ էլ է այդպես թվում։ Ես հնարավոր ամեն ինչ արել եմ, առայժմ սակայն՝ ապարդյուն։ Խնդրագիրն, համենայնդպես, դեռ պատրաստ չէ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս ես պատկերացնում վերջը։ | ||
+ | |||
+ | ― Առաջ կարծում էի, թե լավ կլինի, սակայն այժմ ինքս էլ եմ կասկածում։ Չգիտեմ։ Իսկ դու գիտե՞ս։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Բայց վախենում եմ, որ՝ վատ։ Քեզ մեղավոր են համարում։ Քո դատը հավանաբար ստորին աստիճանի դատարանի քննությամբ չավարտվի։ Գոնե առայժմ քո մեղքն ապացուցված են համարում։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես անմեղ եմ։ Դա մոլորություն է։ Ինչպե՞ս կարող է մարդ արարածն ընդհանրապես մեղավոր լինել։ Մենք բոլորս էլ ախր իրար նման մարդիկ ենք։ | ||
+ | |||
+ | ― Այդ մեկը ճիշտ է, բայց այդպես սովորաբար մեղավորներն են խոսում։ | ||
+ | |||
+ | ― Դո՞ւ ևս կանխակալ կարծիք ունես իմ մասին։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ Քո մասին ես ոչ մի կանխակալ կարծիք չունեմ։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալություն։ Սակայն հետաքննությանն առնչվող բոլոր մյուսներն արդեն որոշակի տրամադրվածություն ունեն իմ հանդեպ և ազդում են գործի հետ կապ չունեցողների վրա ևս։ Իմ վիճակը գնալով ավելի է վատանում։ | ||
+ | |||
+ | ― Դու աղավաղում ես փաստերը։ Վճիռը միանգամից ի հայտ չի գալիս։ Հետաքննությունն է աստիճանաբար վերափոխվում վճռի։ | ||
+ | |||
+ | ― Այդպես ուրեմն,― ասաց Կ֊ն ու կախեց գլուխը։ | ||
+ | |||
+ | ― Հետագայում ի՞նչ ես անելու քո գործի համար։ | ||
+ | |||
+ | ― Ուզում եմ աջակցություն փնտրել։― Կ֊ն բարձրացրեց գլուխը, որ տեսներ, թե հոգևորականը ինչպես կվերաբերվի ասածին։― Դեռ հնարավորություններ կան, որ չեմ օգտագործել։ | ||
+ | |||
+ | ― Կողմնակի աջակցության որոնումները չափազանց շատ են։― Հավանություն չտալով ասաց քահանան։― Հատկապես՝ կանաց հետ կապված։ Չե՞ս նկատում, որ դա դեռ իսկական օգնություն չէ։ | ||
+ | |||
+ | ― Երբեմն, նույնիսկ շատ հաճախ, կարելի է իրավացի համարել քեզ։ Բայց ոչ միշտ։ Կանայք մեծ ազդեցություն ունեն։ Եթե իմ ճանաչած կանանց կարողանայի մեկտեղ աշխատանքի մեջ ներքաշել, անպայման դուրս կպրծնեի։ Հատկապես այդ դատարանում, ուր համարյա բոլորն են կնամոլ։ Քննիչին հեռվից մի կին ցույց տուր, և նա առաջինը տեղ հասնելու համար ոտքի տակ կտա ատենական սեղանն էլ, մեղադրյալին էլ։ | ||
+ | |||
+ | Հոգևորականը գլուխը ճաղաշարին էր խոնարհել։ Թվում էր, թե ամբիոնի ծածկը միայն հիմա է ճնշում նրան։ Ի՜նչ սարսափելի եղանակ էր դրսում։ Ամպամած օր չէր այլևս, այլ գիշեր էր արդեն։ Մութի պատը ճեղքող լայն պատուհանների նկարազարդ ապակիներից լույսի մի շող իսկ չէր թափանցում։ Եվ հենց այդ պահին սպասավորն սկսեց գլխավոր զոհասեղանի վրայի մոմերը մեկը մյուսի հետևից հանգցնել։ | ||
+ | |||
+ | ― Դու զայրացա՞ր ինձ վրա,― հարցրեց Կ֊ն։― Դու երևի չգիտես, թե ի՞նչ դատարանում ես ծառայում։― Պատասխան չկար։― Մինչդեռ դրանք ես իմ փորձից գիտեմ։― Վերևում առաջվա պես լռություն էր տիրում։― Ես բնավ չէի ուզում վիրավորել քեզ,― ասաց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Դու քթիցդ այն կողմ ոչինչ չե՞ս տեսնում,― վերևից բղավեց քահանան։ Դա զայրույթի ճիչ էր։ Միաժամանակ մի մարդու ճիչ, որ տեսնում էր մեկի ընկնելը և, որովհետև անձամբ սարսափած էր, աղաղակում էր առանց մտածելու, չցանկանալով։ | ||
+ | |||
+ | Երկուսն էլ երկար լռեցին։ Ամբիոնից ներքև տարածված մթության մեջ քահանան, իհարկե, չէր կարող պարզ տեսնել Կ֊ին, մինչդեռ Կ֊ն լավ տեսնում էր փոքր լամպի տակ կանգնած կրոնավորին։ Ինչո՞ւ ներքև չէր իջնում։ Նա, ախր, քարոզ չկարդաց, այլ մի քանի բան հայտնեց, որոնք՝ եթե ուշադրություն դարձնելու լինեին, հնարավոր է, որ ավելի շուտ վնասեին Կ֊ին, քան օգուտ տային։ Այնուամենայնիվ, Կ֊ն մտածում էր, թե չարժե կասկածել քահանայի բարի մտադրության վրա։ Բացառված չէր, որ բախտորոշ և ընդունելի խորհուրդ կտար․ իհարկե, ոչ թե՝ ինչպես ազդեին դատավարության ընթացքի վրա, այլ՝ ինչպես դուրս պրծներ, կամ՝ ինչպես ապրեր դատավարության ձեռնահասության շրջանակներից դուրս։ Այդպիսի հնարավորություն պետք է լիներ, և Կ֊ն հաճախ էր մտածել այդ մասին։ Իսկ եթե քահանան դրանցից տեղյակ չլիներ, ապա՝ թեև անձամբ դատարանի մարդկացից էր, եթե նրան խնդրեր, հավանաբար հայտներ և դա կաներ՝ անտեսելով այն հանգամանքը, որ Կ֊ն քննադատեց դատարանը, հոգևորականի քնքուշ էությանը դիպավ և նույնիսկ իր վրա բղավել ստիպեց։ | ||
+ | |||
+ | ― Չե՞ս ուզում ներքև իջնել։ Քարոզելու բան չկա։ Իջիր ինձ մոտ։ | ||
+ | |||
+ | ― Հիմա արդեն կարող եմ գալ,― ասաց քահանան։ Նա երևի զղջում էր, որ բղավեց։― Ես նախ պետք է որոշ տարածություն պահպանելով խոսեի քեզ հետ։― Լամբը կեռից հանելով, ասաց նա։― Թե չէ, հեշտ եմ ազդեցության տակ ընկնում և մոռանում եմ անելիքս։ | ||
+ | |||
+ | Կ֊ն ներքևում նրան էր սպասում։ Քահանան իջնելիս՝ արդեն վերևի աստիճաններից Կ֊ին պարզեց ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Ժամանակ կունենա՞ս ինձ համար,― հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Ինչքան որ պետք է քեզ,― պատասխանեց քահանան և փոքր լամպը պարզեց, որ Կ֊ն վերցնի․ նույնիսկ այդքան մոտիկ՝ նրա վեհությունը չէր կորչում։ | ||
+ | |||
+ | ― Դու շատ սիրալիր ես իմ հանդեպ։― Մութ կողմնային նավում նրանք կողք֊կողքի ետուառաջ էին քայլում։ ― Դու դատարանի մարդկանց մեջ բացառություն ես։ Իմ վստահությունն առ քեզ ավելի մեծ է, քան մինչև այժմ ունեցած բազմաթիվ ծանոթներից որևէ մեկի հանդեպ։ Քեզ հետ կարող եմ անկեղծ խոսել։ | ||
+ | |||
+ | ― Չսխալվես,― ասաց քահանան։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ր հարցում կարող եմ սխալվել։ | ||
+ | |||
+ | ― Դատարանի։ Օրենսգրքի ներածականում ասված է այդ սխալի մասին․ «Օրենքի դարպասները մի պահապան է հսկում։ Նրա մոտ երկրաբնակ մի այր է գալիս և օրենքի տիրույթը մուտք գործելու թույլտվություն է խնդրում։ Բայց պահապանը պատասխանում է, որ այժմ չի կարող նրան ներս թողնել։ Այրը մտածում է և հարցնում՝ արդյոք ավելի ուշ կարելի կլինի՞ մտնել։ «Հնարավոր է,― ասում է պահապանը։― Բայց ոչ հիմա»։ Եվ որովհետև տարածքի դարպասը, ինչպես միշտ, բաց էր, և պահապանը մեկդի էր կանգնել, մարդը՝ դարպասի միջով ներս նայելու համար, կռանում է։ Այդ բանը նկատելով, պահապանը ծիծաղում է և ասում․ «Եթե այդքան հետաքրքիր է քեզ, փորձիր իմ մերժումն անտեսելով մտնել, իմացիր, սակայն, որ ես հզոր եմ, բայց և ամենափոքր պահապանն եմ միայն։ Սրահից սրահ մուտքերի մոտ ավելի հզոր ու ազդեցիկ պահապաններ են կանգնած։ Արդեն երրորդի հայացքին ես ինքս չեմ կարող դիմանալ»։ Երկրաբնակ այրը նման դժվարություններ չէր սպասում։ Նա մտածել էր, թե օրենքը բոլորի համար է, և միշտ պետք է մատչելի լինի։ Այժմ, երբ ուշադիր է նայում մորթե մուշտակ հագած պահապանին, տեսնում է նրա երկար, սուր քիթը, սև, երկար և բարակ թաթարական մորուքը, որոշում է, որ ավելի լավ է մինչև ներս մտնելու թույլտվություն ստանալը սպասի։ Պահապանը նրան աթոռակ է տալիս և կարգադրում է դռնից փոքր֊ինչ հեռու նստել։ Այնտեղ նա նստում է օրեր և տարիներ, ներս մտնելու բազմաթիվ փորձեր է անում և պահապանին հոգնեցնում է իր խնդրանքներով։ Պահապանը երբեմն կարճատև հարցաքննություններ է անցկացնում, հետաքրքրվում է նաև հայրենիքով և ուրիշ շատ բաներով (դրանք հենց այնպես տրված հարցեր էին, ինչպես միայն մեծ պարոններն են տալիս) և վերջում ասում է շարունակ, որ առայժմ չի կարելի ներս մտնել։ Ճանապարհ ընկնելուն լավ նախապատրաստված մարդը ամեն ինչ՝ նույնիսկ ամենաթանկարժեք բաները, օգտագործում է պահապանին կաշառելու համար, վերջինս՝ թեև վերցնում է տվածները, բայց միաժամանակ ասում է․ «Ես սոսկ այն պատճառով եմ վերցնում, որ չմտածես, թե որևէ հնարավորություն չես օգտագործել»։ Երկար տարիների ընթացքում երկրաբնակ այրը համարյա ամեն օր անդադար հետևում է պահապանին։ Նա մոռանում է մյուսների գոյությունը, և թվում է, թե այս պահապանն է օրենքի տարածքը մտնելու խանգարող միակ խոչընդոտը։ Առաջին տարիներին նա բարձրաձայն անիծում է անհաջող պատահականությունը, իսկ երբ ծերանում է, միայն մրթմրթում է ինքնիրեն։ Նա երեխայական հատկանիշներ է ձեռք բերում և, որովհետև պահապանին երկար տարիներ ուսումնասիրելուց հետո անգամ նրա մուշտակի մորթու ոջիլներին է ճանաչում, նրանց խնդրում է, որ օգնեն և տարհամոզեն պահապանին։ Վերջում նրա տեսողությունը թուլանում է, և նա չի հասկանում՝ արդյոք շուրջը գնալով մթնո՞ւմ է իրոք, թե՞ միայն իր աչքերն են դավաճանում, ու մթության մեջ՝ օրենքի դռներից առկայծող լույսի շող է տեսնում։ | ||
+ | |||
+ | Շուտով նա մահանում է։ Մահից առաջ՝ սպասելու ընթացքում կուտակված փորձը նրա մեջ մի հարցի է վերածվում, որ նա մինչ այդ դեռ չէր տվել։ Եվ որովհետև հասակների տարբերությունը ոչ հօգուտ երկրաբնակ այրի էր փոխվել, ու նա այլևս չէր կարողանում ուղղել փայտացած մարմինը, նշան է անում, որ պահապանը կռանա։ «Հիմա՞ ինչ ես ուզում իմանալ,― հարցնում է վերջինս։― Դու ոչնչով չես բավարարվում»։ «Ախր բոլորը դեպի օրենքն են ձգտում,― ասում է մեռնողը։― Այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան տարի ինձնից բացի ոչ ոք ներս մտնելու իրավունք չպահանջեց»։ Պահապանը նկատում է, որ մարդը մեռնում է, և նրա թուլացող լսողությանը հասանելի դարձնելու համար ականջի տակ բղավում է․ «Այստեղ ուրիշ ոչ ոք չէր կարող մուտքի իրավունք ստանալ, որովհետև սա միայն քեզ համար էր նախատեսված։ Ես այժմ կգնամ ու կփակեմ»։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն պահապանը խաբե՞լ էր մարդուն։― Պատմությունը խիստ հետաքրքրել էր Կ֊ին։ | ||
+ | |||
+ | ― Մի շտապիր և առանց ստուգելու ուրիշի կարծիքին մի հավատա։ Ես քեզ բառ առ բառ այնպես պատմեցի, ինչպես գրված էր։ Խաբելու մասին այստեղ խոսք չկար։ | ||
+ | |||
+ | ― Բայց հասկացվում է, և քո առաջին բացատրությունը շատ ճիշտ էր։ Պահապանը միայն այն ժամանակ է հայտնում փրկարար տեղեկությունը, երբ դա այլևս պետք չէր մարդուն։ | ||
+ | |||
+ | ― Բայց մարդը դրանից շուտ ոչինչ չհարցրեց։ Հիշիր նաև, որ նա պարզապես պահապան էր և որպես այդպիսին՝ կատարեց իր պարտըք։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ ես կարծում, թե պարտքը կատարեց։ Չկատարեց։ Գուցե նրա պարտականությունը բոլոր օտարներին մերժելն էր, բայց այդ մարդուն՝ ում համար նախատեսված էր մուտքը, պարտավոր էր թողնել։ | ||
+ | |||
+ | ― Դու այնքան էլ չես հարգում գիրքը և փոխակերպում ես իմաստը։ Այս պատմությունը օրենքի տարածք ներս թողնելու մասին պահապանի երկու կարևոր բացատրությունն է պարունակում։ Մեկը՝ սկզբում, մյուսը՝ վերջում։ Նրանցից մեկն ասում է, թե այժմ չի կարող թույլ տալ, որ մտնի, մյուսը՝ որ այս մուտքը միայն իր համար է նախատեսված։ Եթե երկու բացատրությունների միջև հակասություն լիներ, դու արդարացի կլինեիր, և պահապանը խաբած կլիներ մարդուն։ Սակայն ոչ մի հակասություն չկա։ Ընդհակառակը, առաջին բացատրությունն ինչ֊որ չափով նույնիսկ երկրորդի նախագուշակն է։ Կարելի է ասել անգամ, որ, այդ մարդուն ապագայում ներս մտնելու հնարավորություն խոստանալով, պահակը խախտում է իր պարտականությունը։ Այն ժամանակ նրա պարտքը կարծես միայն մարդուն մերժելն էր, և իրականում, գրի շատ մեկնիչներ զարմանում են, որ պահապանը ընդհանարպես ակնարկել է ապագայի մասին, որովհետև նա ճշմարտասեր մարդու տպավորություն է թողնում և խիստ ուշադիր է իր գործում։ Նա երկար տարիներ ոչ մի անգամ չի լքում իր կետը և վերջում ընդհանրապես փակում է դարպասը։ Նա լավ է հասկանում իր գործի կարևորությունը։ «Ես հզոր եմ»։ ― Ասում է նա։ Նա ակնածանք ունի իր վերադասի հանդեպ, որովհետև ասում է․ «Ես ամենափոքր պահապանն եմ միայն»։ Նա բացբերան չէ, որովհետև, ինչպես ասվում է, այդքան տարվա ընթացքում միայն հենց այնպես ասված հարցեր է տալիս։ Նրան չի կարելի կաշառել, որովհետև նվերի մասին նա ասում է․ «Վերցնում եմ, որ չմտածես, թե որևէ հնարավորություն բաց ես թողել»։ Երբ խոսքը պարտքը կատարելու մասին է, նրան ոչ կարելի է հուզել, ոչ՝ խնդրել, որովհետև երկրաբնակի մասին ասվում է․ «Նա պահապանին հոգնեցրեց իր խնդրանքներով»։ Ի վերջո, պահապանի արտաքինը ևս ցույց է տալիս նրա մանրախնդիր բնավորությունը․ մեծ, սուրծայր քիթ և սև, բարակ֊երկար թաթարական մորուք։ Նման պարտաճանաչ պահապան կարո՞ղ է լինել։ Դե, պահապանի բնավորության մեջ ուրիշ գծեր էլ են երևում, որոնք մուտքի իրավունք հայցողին շատ ձեռնտու են և հասկացնել են տալիս, որ պահապանը՝ ապագա հնարավորության մասին ակնարկելով, կարող էր թեթևակի խախտել իր պարտականությունը։ Ի դեպ, չի կարելի ժխտել նաև, որ նա մի փոքր պարզամիտ է և դրա հետ կապված՝ փոքր֊ինչ պարծենկոտ։ Նույնիսկ եթե իր և մյուս պահապանների ազդեցիկության, նրանց՝ իր խոսքերով ասած, անտանելի հայացքների մասին արված արտահայտությունները, կրկնում եմ, նույնիսկ եթե արտահայտւթյունները ըստ էության ճիշտ լինեին, ապա դրանց ասելու ձևը հենց ցույց է տալիս, որ պարզամտությունն ու ամբարտավանությունը մթագնել են նրա գիտակցությունը։ Այդ առիթով մեկնիչներն ասում են․ «Միևնույն բանի ճիշտ և սխալ ըմբռնումը լրիվ չեն բացառում իրար»։ Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ ինչքան էլ աննշան արտահայտված լինեն, այդ պարզամտությունն ու անբարտավանությունը թուլացնում են մուտքի հսկողությունը․ դրանք պահապանի բնավորության թերի կողմերն են։ Անհրաժեշտ է ավելացնել նաև, որ պահապանը ի ծնե մարդամոտ է թվում, նա անպայման ոչ միշտ է պաշտոնյա։ Հենց առաջին իսկ պահին կատակում է, չնայած ուժի մեջ գտնվող որոշակի արգելքին ներս մտնել է հրավիրում, և հետո՝ նրան հեռու չի ուղարկում, այլ, ինչպես գիրն է ասում․ «տալիս է մի աթոռակ և թույլատրում դռնից մի փոքր հեռու նստել»։ Համբերությունը, որով նա է այդքան ժամանակ դիմանում մարդու խնդրանքներին, կարճատև հարցաքննությունները, նվերներ վերցնելը, իրեն մուտքի պահապան կարգող անբարենպաստ պատահականությանն ուղղված անեծքներն իր իսկ ներկայությամբ թույլ տալու վեհանձնությունը, այս ամեն թույլ են տալիս կարեկցանքի դրսևորում համարել։ Ոչ բոլոր պահապաններն այդպես կվարվեին։ Եվ վերջում նա մի բան էլ խոնարհվում է՝ մահամերձի արած նշանին ենթարկվելով, վերջին հարցն ուղղելու հնարավորություն է տալիս երկրաբնակին։ Մեկ֊մի անգամ է անհամբերության թույլ երանգ (պահապանը հասկանում է, որ ամեն ինչ վերջացավ) զգացվում նրա խոսքերում․ «դու չես բավարարվում»։ Ոմանք ավելի հեռու են գնում իրենց մեկնություններում և այն կարծիքն են հայտնում, թե «դու չես բավարարվում» խոսքերը ինչ֊որ մտերմիկ զարմանք են արտահայտում։ Ինչ ուզում է լինի, պահապանի կերպարն այսպես լրիվ ուրիշ կողմից է դրսևորվում, քան դու ես կարծում։ | ||
+ | |||
+ | ― Դու պատմությունն ավելի շուտ ես իմացել և ավելի լավ գիտես, ― ասաց Կ֊ն։ Նրանք մի պահ լռեցին, հետո Կ֊ն հարցրեց։― Ուրեմն դու կարծում ես, թե մարդը խաբված չէր։ | ||
+ | |||
+ | ― Ինձ սխալ չհասկանաս։ Ես միայն գրի մասին եղած կարծիքներն եմ ներկայացնում։ Դու կարծիքներին չպետք է շատ ուշադրություն դարձնես։ Գիրն անփոփոխ է, իսկ կարծիքները հաճախ միայն դրա հանդեպ ունեցած կասկածանքների արտահայտություններն են։ Այդ առումով նույնիսկ տեսակետ կա, ըստ որի հենց պահապանն է խամբվածը։ | ||
+ | |||
+ | ― Շատ ընդհանուր տեսակետ է։ Ինչպե՞ս է հիմնավորվում։ | ||
+ | |||
+ | ― Դրա հիմնավորումը պահապանի պարզամտությունից է գալիս։ Ասում են, թե նա օրենքի էությունը չգիտե, այլ գիտե միայն դեպի այն տանող ճանապահրը, որ շարունակ մուտքի մոտ է ոտքի տակ տալիս։ Էության մասին ունեցած պատկերացումները մանկական են համարվում, և ենթադրվում է, թե այն բանից, ինչով որ նա ուզում է երկրաբնակին վախեցնել, հենց ինքն է վախենում։ Այո, նա ավելի շատ է վախենում, քան մարդը, քանզի վերջինս թեկուզև լսել է ներսում գտնվող սարսափելի պահակների մասին, ներս մտնելուց բացի, ուրիշ ոչինչ չի ուզում։ Ի տարբերություն երկրաբնակի՝ պահապանը չի ուզում ներս մտնել․ այդ մասին գոնե ոչինչ չի ասվում։ Մյուսներն ասում են, թե նա պետք է որ ներսում եղած լինի, որովհետև նրան երբէև ծառայության են ընդունել օրենքի մոտ, իսկ դա կարող է միայն ներսում եղած լինել։ Դրան կարելի է առարկել․ հնարավոր է նրան ձայն են տվել ներսից և պահապան կարգել, բայց նա այնքան էլ խորը գնացած չէր լինի, որովհետև արդեն երրորդ պահապանի հայացքին չի կարողացել դիմանալ։ Դրանից բացի, չի ասվում, թե այդքան տարիների ընթացքում պահապանների մասին արված առաջին հիշատակումից բացի, որևէ այլ բան պատմած լիներ ներսի մասին։ Գուցե արգելել են նրան, բայց արգելքի մասին նույնպես ոչինչ չի ասվում։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նա չգիտե, թե ինչպիսին է ներսը, նրա նշանակությունը, և այդ մասին սխալ կարծիք ունի։ Բայց պահապանը պետք է որ նաև երկրաբնակի մասին սխալ կարծիքի լինի, որովհետև ենթարկվում է նրան և չգիտե դա։ Որ ինքն այդ մարդու հետ որպես ենթակա անձ է խոսում, շատ բաներից է երևում։ Դու պետք է որ հիշես դրանք, իսկ որ իրականում ենթակա է, հենց այս տեսակետից պետք է ավելի ցայտուն երևա։ Ամենից առաջ ինքնիրշխանն է ենթարկվում ոչ ազատ մարդուն։ Երկրաբնակ այրը իսկապես ազատ֊ինքնիշխան մարդ է, ուր ուզի՝ կարող է գնալ, միայն օրենքի տարածքը մուտք գործելն է արգելված, և արգելողը մի հոգի է՝ պահապանը։ Երբ նա դարպասից մի կողմ քաշված նստում է աթոռակի վրա և ողջ կյանքը մնում է այնտեղ, դա կամավոր է տեղի ունենում․ բռնության մասին ոչ մի խոսք չկա գրի մեջ։ Դրան հակառակ՝ պահապանը ի պաշտոնե կապված է իր կետի հետ, իրավունք չունի դուրս գալ և, ամեն ինչից դատելով, ներս գնալու իրավունք էլ չունի, եթե անգամ ուզենա։ Դրանից բացի, թեև նա օրենքին է ծառայում, բայց միայն մուտքի համար է նրա ծառայությունը, ուրեմն՝ նաև այն մարդու համար, ում համար նախատեսված է մուտքը։ Նաև այս պատճառով է պահապանը նրան ենթակա։ Կարելի է ենթարդել, որ երկար ժամանակ՝ մարդու մի ամբողջ տարիք, պահապանի ծառայությունը դատարկ զբաղմունք է եղել, որովհետև ասվում է «մի այր եկավ», այսինքն՝ մեկը՝ տղամարդու տարիքում, և որ պահապանը ստիպված էր երկար սպասել, մինչև իր գործը նպատակային դառնար։ Ու թեև պետք է այդքան երկար սպասեր, մինչև երկրաբնակ այրը գալ բարեհաճեր, վերջինս, այնուամենայնիվ, իմ կամքով եկավ։ Ծառայության ավարտն ևս այդ մարդու մահով է վավերացվում։ Ուրեմն, պահապանը մինչև վերջ երկրից եկածին ենթակա է մնում, և շարունակ նշվում է, որ կարծես ոչինչ տեղյակ չէ դրանից։ Այստեղ արտասովոր ոչինչ չկա, որովհետև ըստ այս տեսակետի, պահապանը ավելի ծանր մոլորության մեջ է, և դա նրա ծառայությանն է վերաբերում։ Վերջում նա մուտքի մասին է խոսում և ասում է․ | ||
+ | |||
+ | ― Հիմա կգնամ և կփակեմ։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ սկզբում ասվում է, որ օրենքի դարպասը, ինչպես միշտ, բաց էր։ Այն միշտ բաց է, միշտ, այսինքն՝ անկախ այն մարդու կյանքի տևողությունից, ում համար որ նախատեսված էր եղել, և որ պահապանը երբեք չէր կարողանա փակել։ Այս հարցում կարծիքները բաժանվում են․ արդյոք պահապանը, ասելով, թե դարպասը կփակի, պատասխանե՞լ է միայն, ի պաշտոնե իր պարտականությո՞ւնն է շեշտել, թե՞ երկրբնակին վերջին պահին անգամ տրտմության և ապաշխարանքի մեջ գցել է ցանկացել։ Իսկ մի կետում բոլորը նույն կարծիքի են․ նա չի կարողանա փակել դարպասը։ Մեկնիչները նույնիսկ կարծում են, որ պահապանը՝ գոնե վերջում, իր իմացության հարցում ևս ենթակա է երկրաբնակին, քանզի վերջինս տեսնում է օրենքի մուտքի ժայթքող շողը, մինչդեռ պահապանը՝ որպես այդպիսին, դարպասի դիմաց մեջքով է կանգնած և ոչ մի բառով ցույց չի տալիս, թե ինքը որևէ փոփոխություն նկատել է։ | ||
+ | |||
+ | ― Լավ է հիմնավորված,― ասաց Կ֊ն։ Նա հոգևորականի բացատրության որոշ հատվածներ կիսաձայն կրկնում էր ինքնիրեն։― Լավ է հիմնավորված, և ես էլ եմ կարծում, որ պահապանը խաբված է։ Դրանով հանդերձ, իմ նախկին կարծիքից չեմ հեռանում, որովհետև երկուսն էլ մասամբ են համապատասխանում։ Հասնակալի չէ․ պահապա՞նն է ամեն ինչ լավ տեսնում, թե՞ նա է խաբվածը։ Ասացի՝ երկրաբնակին են խաբում։ Եթե պահապանը լավ տեսներ, կարելի էր կասկածել դրանում, սակայն, երբ պահապանն է խաբվում, ապա մոլորությունը անպայման անհրաժեշտ է տղամարդուն վերագրել։ Թեև պահապանը խաբեբա չէ, բայց այնքան պարզամիտ է, որ պետք է անմիջապես վտարված լիներ ծառայությունից։ Անհրաժեշտ է այն մասին մտածել, որ պահապանի մոլորությունը իրեն չի վնասում, մինչդեռ տղամարդուն՝ հազարապատիկ։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ դու հակադրվող տեսակետի ես բախվում,― ասաց քահանան։― Ոմանք ասում են, օրինակ, որ գիրը պահապանի մասին դատելու իրավունք չի տալիս ոչ մեկին։ Մենք ինչ էլ որ մտածելու լինենք, նա, ախր, օրենքի ծառա է, հետևաբար՝ օրենքին է պատկանում և հեռու է մարդկանց դատից։ Հետո չի կարելի նաև մտածել, թե պահապանը երկրաբնակի հպատակն է։ Ծառայության բերումով թեկուզ օրենքի մուտքի մոտ կանգնած լինելն անհամեմատ ավելի մեծ բան է, քան աշխարհում ազատ լինելը։ Երկրաբնակը նոր է գալիս օրենքի մոտ, իսկ պահապանն արդեն այնտեղ է։ Օրենքը նրան ծառայության է նշանակել, նրա արժանապատվության կասկածել՝ ասել է, թե օրենքին կասկածել։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ տեսակետին համամիտ չեմ։― Գլուխը տարուբերելով առարկեց Կ֊ն։― Եթե համաձայնելու լինենք, պետք է պահապանի ասած ամեն մի բառը ճշմարտություն համարենք, իսկ որ դա անհնար է, ինքդ հիմնավորեցիր։ | ||
+ | |||
+ | ― Պետք է ամեն ինչ ոչ թե ճիշտ համարել, այլ՝ անհրաժեշտ։ | ||
+ | |||
+ | ― Մռայլ տեսակետ է,― ասաց Կ֊ն։― Կեղծիքը կտիրի աշխարհը։ | ||
+ | |||
+ | Կ֊ն այս խոսքերը վերջում ասաց․ բայց սա նրա վերջնական կարծիքը չէր։ Պատմության բոլոր հետևությունները մի հայացքով ընդգրկելու համար նա հոգնած էր, պատմության էության մեջ խորացնող մտքերն ևս անսովոր էին, վերացական, քննարկման նյութ լինելու համար ավելի բնորոշ էին դատարանի պաշտոնյաներին, քան իրեն։ Այդ պարզ պատմությունը անհարթ էր դարձել, նա ուզում էր թոթափել իրենից, իսկ քահանան այժմ նրբանկատություն ցուցաբերեց, համբերեց ու անձայն ընդունեց Կ֊ի տեսակետը, թեև այն հաստատ չէր համապատասխանում սեփականին։ Նրանք շարունակեցին որոշ ժամանակ լուռ քայլել։ Կ֊ն՝ առանց գիտենալու, թե որտեղ է գտնվում, լավ մոտ էր կանգնել քահանային։ Նրա ձեռքում լամպը հանգել էր վաղուց։ Սրբերից մեկի արծաթե արձանը մի անգամ արծաթ փայլով պսպղաց և իսկույն ձուլվեց մութի հետ։ Ամբողջովին քահանայից կախման մեջ չլինելու համար Կ֊ն հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Գլխավոր մուտքին մոտ չե՞նք արդյոք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ,― ասաց քահանան։― Շատ հեռու ենք։ Դու գնա՞լ ես ուզում։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե։ Պետք է գնամ,― ասաց Կ֊ն, թեև այդ պահին ուրիշ բան էր մտածում։― Ես բանկերից մեկի հավատարմատարն եմ, ինձ սպասում են։ Ես այստեղ եկա միայն, որ արտասահմանյան մի պատվիրատուի ցույց տամ տաճարը։ | ||
+ | |||
+ | ― Դե, որ այդպես է, գնա։― Ասաց քահանան և պարզեց ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես չեմ կարող մթության մեջ մենակ կողմնորոշվել։ | ||
+ | |||
+ | ― Գնա ձախ՝ դեպի պատը, այնուհետև պատի երկարությամբ՝ առանց այն բաց թողնելու, և կհասնես ելքերից մեկին։ | ||
+ | |||
+ | Հազիվ էր քահանան մի քանի քայլ հեռացել, երբ Կ֊ն բարձրաձայն կանչեց․ | ||
+ | |||
+ | ― Սպասի՛ր դեռ, խնդրում եմ։ | ||
+ | |||
+ | ― Լսում եմ։ | ||
+ | |||
+ | ― Դու իձնից ուրիշ ոչինչ չե՞ս ուզում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ։ | ||
+ | |||
+ | ― Քիչ առաջ այնքան լավ էիր իմ հանդեպ, ամեն ինչ բացատրեցիր, իսկ այժմ թողնում ես, կարծես ոչ մի նշանակություն չունեմ քեզ համար։ | ||
+ | |||
+ | ― Ախր, դու պետք է գնաս։ | ||
+ | |||
+ | ― Այո։ Դե հասկացիր այդ բանը։ | ||
+ | |||
+ | ― Նախ ի՛նքդ հասկացիր, թե ով եմ ես։ | ||
+ | |||
+ | ― Դու բանտի քահանան ես։― Կ֊ն ավելի մոտ գնաց քահանային։ Անմիջապես բանկ վերադառնալն այնքան էլ կարևոր չէր, ինչպես ինքն էր ներկայացնում։ Նա դեռ շատ հանգիստ կարող էր մնալ այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Հետևաբար, դատարանի կազմին եմ պատկանում։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ պետք է քեզնից ինչ֊որ բան ուզեմ։ Դատարանը ոչինչ չի ուզում քեզնից։ Նա ընդունում է քեզ, երբ գալիս ես, իսկ երբ գնում ես, բաց է թողնում։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Վերջ== | ||
+ | |||
+ | Կ֊ի երեսունմեկամյա տարելիցի նախորդ երեկոյան (ժամը ինը կլիներ՝ երբ փողոցներում արդեն լռություն է տիրում) նրա բնակարանը երկու պարոն եկան։ Եկողները գույնը գցած, ճարպոտած սերթուկներով էին, տեսքից՝ կանգուն ցիլինդրներով։ Առաջին անգամ բնակարան ներս մտնելու կարճատև ձևականությունը ավելի լայն ծավալով կրկնվեց Կ֊ի սենյակի մոտ։ Թեև այցելության մասին Կ֊ին տեղյակ չէին պահել, նա՝ ոտքից գլուխ սև հագած, նստել էր դռան մոտ դրված բազկաթոռին և դանդաղ հագնում էր մատները կիպ գրկող նոր ձեռնոցները այնպիսի շարժուներով, ինչպես երբ հյուրերին են սպասում։ Նա իսկույն ոտքի կանգնեց և հետաքրքրված հայացքով նայեց պարոններին։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն դուք իմ հետևի՞ց եք եկել։― Պարոնները գլխով արեցին, նրանցից մեկը ձեռքում բռնած ցիլինդրով ցույց տվեց մյուսին։ | ||
+ | |||
+ | Կ֊ն ինքնիրեն խոստովանեց, որ ուրիշ այցելության էր սպասում։ Նա մոտեցավ պատուհանին ու մի անգամ ևս նայեց մութ փողոցին։ Փողոցի մյուս կողմում ևս համարյա բոլոր պատուհաններն արդեն մութ էին, շատերի վարագույներն՝ իջեցված։ Հարկաբաժնի լուսավորված պատուհաններից մեկի ճաղերի հետևում խաղացող երկու փոքրիկներ էին երևում, որ դեռևս անկարող լինելով տեղերից առաջ պարզվել, թաթիկներն էին պարզում իրար։ | ||
+ | |||
+ | «Երկրորդական ու ծեր դերասաններ են ուղարկում իմ հետևից»։― Ինքնիրեն ասաց Կ֊ն և, իր կարծիքի մեջ համոզվելու համար, մեկ էլ շուրջը նայեց։― «Փորձում են հեշտությամբ մաքրել հաշիվները»։ | ||
+ | |||
+ | ― Դուք ո՞ր թատրոնում եք աշխատում։― Անսպասելիորեն պարոնների կողը շուռ գալով, հարցրեց Կ֊ն։ | ||
+ | |||
+ | ― Թատրո՞ն։― Կարծես խորհուրդ ստանալու ցանկությամբ կողքինին հարցրեց մեկը։ Նրա շուրթերի անկյունները թրթռացին։ Երկրորդ պարոնը քմահաճ մարմնի հետ կռիվ տվող համր մարդու նման էր պահում իրեն։ | ||
+ | |||
+ | «Նրանք չէին սպասում, որ հարցեր կտամ»։― Մտածեց Կ֊ն ու գնաց գլխարկը վերցնելու։ | ||
+ | |||
+ | Պարոններն արդեն աստիճանների վրա ուզեցին Կ֊ի թևերն ընկնել։ | ||
+ | |||
+ | ― Միայն փողոցում։ Ես հիվանդ չեմ։― Առարկեց նա։ | ||
+ | |||
+ | Հենց դարպասի մոտ նրանք կախ ընկան Կ֊ի թևերից․ նա դեռ երբեք և ոչ մեկի հետ այդպես քայլած չկար։ Նրանք գալիս էին Կ֊ի հետևից՝ կիպ թիկունքին կպած, թևերը չէին ծալել, այլ ողջ երկարությամբ գալարի մեջ էին առել, իսկ ձեռքերը պահում էին սովոր, վարժ և դիմադրություն չընդունող բռնելաձևով։ Նրանց արանքում Կ֊ն ուղիղ ձգված էր քայլում։ Այդ պահին նրանք այնպիսի միասնություն էին ներկայացնում, որ եթե մեկին գետին գլորեին, երեքն էլ միասին կընկնեին։ Նման միասնության երևի միայն իրերն էին ընդունակ։ | ||
+ | |||
+ | Որքան էլ դժվար էր, Կ֊ն լապտերների լույսի տակ բազմիցս փորձեց ավելի ուշադիր զննել ուղեկիցներին, որովհետև սենյակի կիսախավարում հնարավոր չէր եղել նրանց զանազանել։ | ||
+ | |||
+ | «Սրանք երևի տենորներ են»։― Նրանց դոնդողանման կրկնակզակներին նայելով, մտածեց Կ֊ն։ Նա զզվանք էր զգում ուղեկիցների դեմքերի մաքրությունից։ Թվում էր, թե իսկապես տեսնում էր դրանք մաքրող ձեռքը, որ նրանց աչքերի անկյուններով էր սահել, շփել էր վերին շրթունքն ու քերել կզակի ծալքերը։ Այս բանը նկատելուց հետո Կ֊ն կանգ առավ, ուղեկիցները նույնպես կանգնեցին։ Նրանք կանգնել էին ամայի ու դատարակ հրապարակի եզրին։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ են հատկապես ձեզ ուղարկել։― Ավելի շուտ բղավեց, քան հարցրեց Կ֊ն։ Պարոններն իսկապես չգիտեին։ Նրանք թևերը կախ գցած սպասում էին։ Այդպես նրանք նման էին հիվանդի հանգստանալուն սպասող սանիտարների։ | ||
+ | |||
+ | ― Ես ոչ մի տեղ չեմ գա։― Կ֊ն այս արտահայտության ուժն էր ստուգում։ Պարոնները պատասխան տալու կարիքը չունեին, բավական էր, որ սեղմելը չթուլացնեին և փորձեցին տեղից շարժել Կ֊ին։ Վերջինս դիմադրեց։ | ||
+ | |||
+ | «Ինձ այլևս շատ ուժ հարկավոր չի լինի։ Հիմա ես ողջ ունեցածս գործի կդնեմ»։― Մտածեց նա և պատկերացրեց խախուտ ոտիկներով սոսնձաթղթից պոկվել ձգտող ճանճերին։― «Պարոնների գործը դժվար կլինի»։ | ||
+ | |||
+ | Այդ պահին ավելի խորն ընկած փողոցի ցածր աստիճաններով նրանց աչքի առաջ հրապարակ բարձրացավ ֆրոյլայն Բյուրստները։ Կ֊ն հաստատ համոզված չէր, թե նա է․ նմանությունը շատ մեծ էր։ Բայց Կ֊ի համար կարևոր էլ չէր՝ օրիորդը իրո՞ք ֆրոյլայն Բյուրստներն էր, թե՞ ոչ։ Պարզապես նա այդ պահին գիտակցեց դիմադրության ողջ անիմաստությունը։ Հերոսական ոչ մի բան արած չէր լինի, եթե դիմադրեր այժմ և պարոնների գործը դժվարացներ, եթե պաշտպանվելով փորձեր կյանքի վերջին րոպեները վայելել։ Կ֊ն շարժվեց տեղից, և այդ քայլի՝ պարոններին պատճառած ուրախությունը ինչ֊որ չափով իրեն էլ համակեց։ Նրանք թողեցին, որ Կ֊ն ընտրի ճանապարհը, իսկ նա գնաց այն ճանապարհով, որ իրենցից առաջ օրիորդն էր անցել։ Հասնելու ձգտումը չէր պատչառը, ոչ էլ ուզում էր հնարավորին չափ երկար նայել նրան․ պարզապես չէր ուզում մոռանալ այն նախազգուշացումը, որ իր համար կարող էր նշանակել օրիորդը։ | ||
+ | |||
+ | «Այժմ հնարավոր միակ բանը»,― մտածեց Կ֊ն և ուղեկիցների ու իր քայլերի համաչափությունը հաստատեց նրա միտքը, «միակ բանը, որ կարող եմ անել, մինչև վերջ հանգիստ մտածելու ունակությունը պահպանելն է։ Ես միշտ ուզել եմ, այնքան էլ հավանության չարժանացած նպատակով, քսան ձեռքանի դարձած, ներխուժել աշխարհ։ Դա էր իմ սխալը։ Արժե՞ ցույց տալ, որ մի տարի տևած դատավարությունը չի կարողացել խելքի բերել ինձ։ Արժե՞ անխելք մարդու մահով ավանդել հոգին։ Թույլ տա՞մ, որ ինձնից հետո ասեն, թե դատավարության սկզբում ձգտում էի վերջացնել այն, իսկ ավարտին մոտ նորից եմ ուզում սկսել։ Պետք չէ։ Շնորհակալ եմ, որ այս ճանապարհի համար նման սակավախոս, անհասկացող պարոնների են ուղարկել և հենց ինձ են թողել նույնիսկ ամենակարևոր բաներն ինձ ասելու խնդիրը»։ | ||
+ | |||
+ | Այդ ընթացքում օրիորդն ուրիշ նրբանցք էր թեքվել, բայց Կ֊ն այժմ կարող էր առանց նրա յոլա գնալ, և ամեն ինչ թողեց ուղեկիցների հայեցողությանը։ Երեքով, խմբովին՝ աննշան շարժումից իսկ փոխադարձաբար իրար հասկանալով, անցան լուսնի լույսով լուսավորված կամուրջը։ Կ֊ի ամեն մի շարժմանը պանոնները պատրաստակամ հետևում էին, և երբ նա թեթևակի շուռ եկավ բազրիքի կողմը, նրանք ևս ամբողջ ճակատով շրջվեցին։ Լուսնի լույսի տակ փայլող ու թրթռացող ջուրը ճեղքվելով օղակի մեջ էր առել իրար վրա կուտակված ծառերով ու թփերով ծածկված կղզյակը։ Կամրջի տակով խիճե ճանապարհներ էին ձգվում՝ եզրերի հարմարավետ նստարաններով։ Հիմա չէին երևում։ Ամառներ էին եղել, որ Կ֊ն մեկնվել էր դրանց վրա։ | ||
+ | |||
+ | ― Ես բնավ չուզեցի կանգնել։― Ուղեկիցների պատրաստակամությունից ամաչելով, խոսեց Կ֊ն։ Թվաց, թե պահակներից մեկը Կ֊ի թիկունքում մեղմ նախատեց մյուսին՝ սխալ հասկացած կանգառի համար, և շարունակեցին իրենց ճանապարհը։ | ||
+ | |||
+ | Նրանք անցան դարնիվեր ելնող մի քանի փողոցներով, ուր մեկ՝ հեռվում, մեկ՝ շատ մոտիկ ոստիկաններ էին կանգնած կամ ետուառաջ էին քայլում։ Նրանցից մեկը՝ գզուզ բեղերով, ձեռքը թրի կոթին դրած, անորոշ մտադրությամբ մոտ եկավ այնքան էլ վստահություն չներշնչող խմբին։ Ոստիկանն արդեն ուզում էր բացել բերանը, երբ Կ֊ն ուժող առաջ քաշեց ուղեկիցներին։ Նա զգուշանալով շուտ֊շուտ ետ էր նայում․ արդյոք ոստիկան չէ՞ր հետևում, և երբ փողոցի անկյունն անցան, սկսեց վազել։ Չնայած շնչարգելությանը, պարոններն էլ պետք է վազեին։ | ||
+ | |||
+ | Այդպես նրանք արագ դուրս եկան այն ուղղությամբ, ուր քաղաքին համարյա անմիջապես դաշտերն էին հաջորդում։ Քաղաքի տներին բնորոշ գծերով կառուցված մի շինության մոտ փոքր ու ամայի քարհանք կար։ Այստեղ պարոնները կանգ առան, և կանգառն այն տպավորությունը թողեց, թե հենց սկզբից նրանց նպատակակետը քարհանքն է եղել, որ առաջ գնալու համար արդեն չափազանց հոգնած են։ Նրանք բաց թողեցին լուռ սպասող Կ֊ին, ցիլինդրները վերցրեցին ու, թաշկինակներով ճակատների քրտինքը չորացնելուն զուգընթաց, զննեցին քարհանքը։ Շուրջը լուսավորված էր սոսկ լուսնին բնորոշ բնականությամբ ու անդորրով։ | ||
+ | |||
+ | Առաջադրանքի հաջորդ կետի իրականացման առաջնությունը քաղաքավարի իրար զիջելուց հետո (հանձնարարությունը պարոններին երևի առանց դերաբաշխման էին տվել) նրանցից մեկը մոտեցավ Կ֊ին, հագից հանեց պիջակը, ժիլետը, վերջում՝ վերնաշապիկը։ Ակամա սարսուռ անցավ Կ֊ի մարմնով, և պարոնը՝ հանգստացնելով, թփթփացրեց նրա թիկունքին, հետո բծախնդրությամբ դասավորեց Կ֊ի շորերը։ Դրանք կարծես իրեր լինեին, որ, եթե ոչ մոտ օրերս, ապա ընդհանրապես, դեռ պետք կգային։ Գնալով ավելի սառը դարձող գիշերվա օդում անշարժ կանգնած չթողնելու համար նա թևի տակ առավ Կ֊ին և մինչև մյուսը քարհանքի մեջ հարմար տեղ էր փնտրում, երկուսով այդպես ետուառաջ էին քայլում։ Երբ ներքևի պարոնը տեղը գտավ՝ (որմնաքարի պարսպի մոտ էր, այնտեղ մի ջարդված քար էր ընկած) նշան արեց, և վերևում կանգնածը Կ֊ին ներքև ուղեկցեց։ Պարոնները նրան նստեցրին գետնին, հենեցին քարին ու գլուխը հպեցին վրան։ Չնայած երկուսի ջանքերին ու Կ֊ի ցուցաբերած պատրաստակամությանը, դիրքը շատ անբնական ու տարակուսելի մնաց։ Հետո մեկը մյուսին խնդրեց մի պահ իրեն թողնել Կ֊ին պառկեցնելու գործը, բայց վիճակը նորից չփոխվեց։ Ի վերջո նրանք Կ֊ին մի այնպիսի դիրքով թողեցին, որ բնավ էլ լավագույնը չէր մինչայժմյաններից։ Հետո մեկը քանդեց սերթուկի կոճակները, ժիլետի վրա կապած գոտուց կախ ընկած պատյանից հանեց մսագործի բարակ, երկյսայրի դանակը, վեր պահեց ու լույսի տակ ստուգեց սրությունը։ Զզվելի ձևականությունները նորից սկսվեցին․ դանակը Կ֊ի վրայով պարզում էին իրար և փոխնիփոխ իրար զիջում։ Կ֊ն լավ գիտեր, որ այժմ, երբ դանակն իր գլխի վրայով սրա֊նրա կողմն էր գնում֊գալիս, իր պարտքը կլիներ, եթե վերցներ ու ինքնիրեն խողխողեր։ Բայց չարեց, այլ շրջեց գլուխը (դեռ ազատ էին թողել) և շուրջը նայեց։ | ||
+ | |||
+ | Նա չէր կարողացել գործի մեջ ամբողջվին արդարացնել իրեն, չէր կարողացել իշխանությունների բոլոր գործերն իր վրա վերցնել, և վերջին սխալի համար պատասխանատվությունն այն մարդն էր կրում, ով չէր տրամադրել արդարացման համար անհրաժեշտ աջակցության մյուս մասը։ Նրա հայացքն ընկավ քարհանքի հարևանությամբ շինված տան վերջին հարկին։ Պատուհաններից մեկից կարծես լույս ժայթքեց․ փեղկերը ետ գնացին, հեռու՝ վերևում, թույլ ու հազիվ երևացող մի մարդ թափով առաջ կախվեց և ավելի առաջ պարզեց ձեռքերը։ Ո՞վ էր նա։ Բարեկա՞մ, բարի մա՞րդ, կարեկցո՞ւմ էր։ Այդ մարդն օգնե՞լ էր ուզում։ Մի՞ մարդ էր, թե՞ բոլորն էին։ Դեռ հնարավո՞ր էր օգնել։ Մոռացության մատնված փաստարկնե՞ր կային։ | ||
+ | |||
+ | Իհարկե, կային։ Թեև տրամաբանությունն անսասան է, բայց ապրել ուզեցող մարդուն չի հակառակվի։ Ո՞ւր էր դատավորը, ում Կ֊ն այդպես էլ չտեսավ, ո՞ւր էր գերագույն դատարանը, որին այդպես էլ չհասավ գործը։ Նա բարձրացրեց ձեռքերն ու չռեց մատները։ | ||
− | + | Մինչև պարոններից մեկը դանակը խորը խրեց Կ֊ի սիրտն ու երկու անգամ պտտեցրեց, մյուսը ձեռքերն օղակել էր կոկորդի շուրջ։ Կ֊ի կուլ գնացող աչքերը տեսան, թե ինչպես էին պարոնները քիթ֊քթի տված կռացել իր դեմքի վրա ու հոգեվարքին էին հետևում։ | |
− | + | ― Շան նման։― Ասաց նա, կարծես խայտառակությունն իրենցի շատ ավելի երկար էր ապրելու։ |
Ընթացիկ տարբերակը 20:58, 1 Օգոստոսի 2017-ի դրությամբ
հեղինակ՝ Ֆրանց Կաֆկա |
Բովանդակություն
- 1 Ձերբակալություն։ Զրույց ֆրաու Գրուբախի, հետո ֆրոյլայն Բյուրստների հետ
- 2 Առաջին հետաքննությունը
- 3 Նիստերի դատարակ դահլիճում։ Ուսանողը։ Գրասենյակներում
- 4 Ֆրոյլայն Բյուրստների ընկերուհին
- 5 Գանահարողը
- 6 ՔԵՌԻՆ։ Լեննին
- 7 Փաստաբանը։ Ֆաբրիկատերը։ Նկարիչը
- 8 Վաճառական Բլոկը։ Փաստաբանի լուծարքը
- 9 Տաճարում
- 10 Վերջ
Ձերբակալություն։ Զրույց ֆրաու Գրուբախի, հետո ֆրոյլայն Բյուրստների հետ
Մեկը պետք է զրպարտած լիներ Յոզեֆ Կ֊ին, քանի որ նա՝ առանց որևէ վատ բան արած լինելու, ձերբակալվեց մի առավոտ։ Նրա տանտիրուհու՝ ֆրաու Գրուբախի խոհարարուհին, որն ամեն օր ժամը ութին էր նախաճաշը բերում, այս անգամ չերևաց։ Նման բան երբեք չէր պատահել։ Կ֊ն մի փոքր էլ սպասեց, պառկած տեղից տեսավ իրեն ոչ այնքան հատուկ հետաքրքրասիրությամբ այս կողմը նայող դիմացի շենքի ծեր տիկնոջը և, քիչ անց՝ տարակուսանքի ու քաղցի խառը զգացումով, սեղմեց զանգի կոճակը։ Դուռն իսկույն թակեցին, և ներս մտավ մի տղամարդ, որին Կ֊ն մինչ այդ երբեք չէր տեսել բնակարանում։ Նա նիհար էր, բայց՝ ամրակազմ, հագել էր վրան կիպ նստած, զանազան գրպաններով, ճարմանդներով, ծալքերով, կոճակներով ու գոտիով ծանրաբեռնված ճամփորդական հագուստի նմանվող սև կոստյում, որը, թեև հնարավոր չէր հասկանալ, թե ինչ նպատակի էր ծառայելու այդ ամենը, չափազանց առօրեական ու հարմարավետ էր թվում։
― Ո՞վ եք դուք,― հարցրեց Կ֊ն ու անմիջապես կիսանստեց անկողնում։ Մարդը, սակայն, այնպիսի տեսքով անտեսեց հարցը, կարծես պարտավոր էին նրա հայտնվելու հետ համակերպվել, և իր հերթին սոսկ հարցրեց․
― Դո՞ւք էիք զանգողը։
― Աննան պետք է նախաճաշ բերի ինձ համար։― Ասաց Կ֊ն և նախ փորձեց անխոս, ուշադրությունը կենտրոնացնելով ու մտորելով, կռահել, թե իսկապես ով էր այս մարդը։ Սակայն վերջինս այդքան երկար չկանգնեց նրա աչքի առաջ, այլ դեպի դուռը շրջվեց և փոքր֊ինչ բացեց, որպեսզի կիպ դռան հետևը կանգնած մեկին ասեր․
― Նա ուզում է, որ Աննան նախաճաշ բերի իր համար։― Կողքի սենյակում կարճ քրքիջ լսվեց, որից հնարավոր չէր հասկանալ, թե քանի հոգի էին ծիծաղում։ Թեև դրանով անծանոթի մինչև հիմա իմացածին ոչինչ չէր ավելանա, նա՝ կարծես զեկուցելիս լիներ, Կ֊ին ասաց․
― Հնարավոր չէ։
― Սա պետք է որ նորություն լինի,― զարմացավ Կ֊ն, ցատկելով անկողնուց և արագ հագավ շալվարը։― Կուզենայի տեսնել, թե ինչ մարդիկ են կողքի սենյակում, և ինչ պատասխան կտա ֆրաու Գրուբախը՝ հանգիստս խանգարել թույլ տալու համար։
Ու թեև անմիջապես նրա մտքով անցավ, թե չպետք է խոսքերը բարձրաձայն ասած լիներ, որ դրանով ինչ֊որ չափով ճանաչում է անծանոթի՝ այս սենյակում հսկելու իրավունքը, սակայն տվյալ պահին դա նրան այնքան էլ կարևոր չթվաց, մինչդեռ անծանոթը յուրովի հասկացավ այդ, որովհետև ասաց․
― Ավելի լավ չէ՞ր լինի, եթե այստեղ մնայիք։
― Մինչև չիմանամ, թե ով եք, ո՛չ ուզում եմ այստեղ մնալ, ո՛չ էլ ուզում եմ, որ ինձ հետ խոսեք։
― Լավ է ասված,― արտասանեց անծանոթն ու ինքնակամ բացեց դուռը։
Կ֊ն ավելի դանդաղ, քան սկզբում էր մտադիր, մտավ կողքի սենյակը և, նախորդ երեկոյի հետ համեմատած, այնտեղ առաջին հայացքից ոչ մի փոփոխություն չտեսավ։ Դա ֆրաու Գրուբախի հյուրասենյակն էր։ Կահույքով, ծածկոցներով, սպասքեղենով ու լուսանկարներով լցված սենյակում այսօր, երևի թե սովորականից մի փոքր ավելի ազատ տարածություն կար։ Այդ բանն իսկույն չէր զգացվում, որովհետև ամենակարևոր փոփոխությունը սենյակի բաց պատուհանի մոտ գիրքը ձեռքին նստած մարդու ներկայությունն էր։
― Արդյոք Ֆրանցը չասա՞ց, որ Դուք պետք է Ձեր սենյակում մնայիք,― գրքից կտրվելով հարցրեց նա։
― Այո, բայց Դուք ի՞նչ եք ուզում,― հարցեց Կ֊ն։ Նրա հայացքը նոր ծանոթից դարձավ դռների մեջ կանգնած Ֆրանց կոչվածի կողմը, հետո՝ նորից հետ։ Բաց պատուհանից կրկին երևաց ծեր կնոջ դեմքը, որ շարունակությունը ևս տեսնել կարողանալու համար իսկական ծերունական հետաքրքրասիրությամբ այժմ մոտեցել էր հանդիպակաց պատուհանին։
― Ես ուզում եմ ֆրաու Գրուբախին տեսնել,― ասաց Կ֊ն։ Թեպետ երկու անծանոթներն իրենից բավական հեռու էին կանգնած, նա այնպիսի շարժում արեց, կարծես պոկ էր գալիս նրանցից, և ցանկացավ առաջ գնալ։
― Ո՛չ։― Արգելեց պատուհանի մոտ նստած մարդը, գիրքը նետեց փոքր սեղանին ու վեր կացավ։― Դուրս գալու իրավունք չունեք, Դուք ձերբակալված եք ախր։
― Այդպես է երևում,― ասաց Կ֊ն, հետո հարցրեց։― Բայց ի՞նչ պատճառով։
― Բացատրելու համար չենք այստեղ եկել։ Գնացեք ձեր սենյակը և սպասեք։ Քննությունը նոր է սկսվել, Դուք ամեն ինչ ժամանակին կիմանաք։ Թեև այսպես բարեկամաբար խոսելով խախտում եմ ինձ տրված հանձնարարությունը, սակայն հուսով եմ, որ դա Ֆրանցից բացի ոչ ոք չի իմանա։ Նա ևս, հակառակ հրահանգների, բարեկամաբար է վարվում Ձեզ հետ։ Եթե հետագայում էլ Ձեր բախտը բանի, ինչպես այսօր պահակների հարցում, կարող եք ապահով լինել։
Կ֊ն ցանկացավ նստել, սակայն նկատեց, որ պատուհանին մոտիկ դրված բազկաթոռից բացի, սենյակում նստելու ուրիշ ոչ մի հարմարանք չկար։
― Դեռ կհամոզվեք, թե որքան ճիշտ է ասում նա,― ավելացրեց Ֆրանցն ու երկրորդ մարդու հետ միաժամանակ մոտեցավ Կ֊ին։ Հատկապես վերջինս հովանավորի տեսքով բազմանշանակ նայեց Կ֊ին և քանիցս թփթփացրեց նրա ուսին։ Նրանք զննեցին Կ֊ի գիշերազգեստը և հայտնեցին, որ նա այժմ ստիպված կլինի շատ ավելի վատ շապիկ հանգնել, որ իրենք նրա շապիկը մյուս սպիտակեղենի հետ, ի պահ կվերցնեն, և, եթե գործը բարենպաստ ավարտվի, կրկին կվերադարձնեն։
― Ավելի լավ է Ձեր իրերը վստահեք մեզ, ինչպես պահասենյակում,― առաջարկեցին նրանք։― Բայց պահասենյակում շատ հաճախ են յուրացումներ լինում, և, դրանից բացի, որոշ ժամանակ անց այնտեղ բոլոր իրերը վաճառվում են, առանց հաշվի առնելու՝ արդյոք հետաքննությունը ավարտվե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ ի՜նչ երկար են տևում նմանատիպ դատավարությունները հատկապես վերջերս։ Այնուհետև Դուք, համենայնդեպս, իրերի վաճառքից հետո կստանաք Ձեր հասույթը, սակայն գումարն իրենից մեծ բան չի ներկայացնի, որովհետև վաճառքի ժամանակ հաշվի է առնվում ոչ թե առաջարկի չափը, այլ՝ կաշառքինը, և հետո՝ փորձը ցույց է տալիս, որ հասույթները գնալով նվազում են, երբ նրանք տարեցտարի ձեռքից֊ձեռք են անցնում։
Կ֊ն հազիվ թե ուշադրություն էր դարձնում այս խոսքերին։ Նա այնքան էլ բարձր չէր դասում իրերը տնօրինելու իրավունքը, որ դեռ ուներ թերևս։ Նրա համար այժմ շատ ավելի կարևոր էր սեփական դրության մեջ պարզություն մտցնելը, սակայն այդ մարդկանց ներկայությամբ նա բնավ չէր կարող մտածել, որովհետև երկրորդ պահակը (նրանք միայն պահակներ կարող էին լինել) փորով, իբր թե բարեկամաբար, շարունակում էր խփել իրեն, իսկ երբ Կ֊ն վեր էր նայում, միայն մեծ, կողքի թեքված քթով, հաստ մարմնին բնավ չհամապատասխանող ոսկրոտ, չոր դեմք էր տեսնում և զգում էր, որ նրանք իր գլխի վրայով ինչ֊որ բան են պայմանավորվում։ Ի՞նչ մարդիկ էին սրանք, ի՞նչ գերատեսչության էին պատկանում, ինչի՞ մասին էին խոսում։ Ախր Կ֊ն քաղաքացի է իրավական մի պետության, ուր ամեն տեղ կարգուկանոն է տիրում, բոլոր օրենքները կանգնած են զինվորների նման․ ո՞վ կարող է համարձակվել սեփական բնակարանում հարձակվել նրա վրա։ Նա միշտ հակված էր ամեն բան որքան հնարավոր է տանել թեթև, հավատալ վատին, միայն երբ այն իրոք վրա էր հասնում, և նույնիսկ եթե վտանգ էլ սպառնար, ապագայի համար հոգ չէր տանում։ Այս անգամ, սակայն, դա նրան ճիշտ չթվաց։ Իհարկե, կարող էր պատաhել, որ այստեղ տեղի ունեցող տեսարանը կատակ լիներ, մի կատակ, որ չգիտես ինչու (գուցե այսօր լրացող երեսնամյակի կապակցությամբ) բանկի գործընկերներն էին կազմակերպել։ Իհարկե, հնարավոր էր։ Միգուցե հարկ լիներ ինչ֊որ կերպ ծիծաղել պահակների երեսին, և նրանք էլ ծիծաղեին իր հետ․ գուցե սրանք փողոցի անկյունում կանգող կարգի պահապաններից էին (այնքան էլ չէին տարբերվում նրանցից), ու եթե այս ամենը կարելի լիներ (թեկուզ կոպիտ) կատակ համարել, այս անգամ արդեն Կ֊ն՝ սկսած պահակ Ֆրանցին առաջին անգամ տեսնելու պահից, վճռել էր նրանց հանդեպ ունեցած առավելությունը փոքր իսկ չափով չզիջել։ Որ հետո կարող էին ասել, թե ինքը կատակ չի հասկանում, դրանում Կ֊ն այնքան մեծ վտանգ չէր տեսնում, ու, թեև կատարված դեպքերից փորձ քաղելը նրան բնորոշ չէր, այնուամենայնիվ, նա հիշում էր իրենց նշանակությամբ անկարևոր մի քանի դեպքերի մասին, երբ ինքը, ի տարբերություն մյուս ընկներների, գիտակցաբար, առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու, ազգույշ էր գործել և այդ պատճառով, ի վերջո, տուժել էր։ Այդ հին պատմություններն այս անգամ այլևս չպետք է կրկնվեին, ու եթե սա կատակերգություն էր, ապա ինքը կուզենար մասնակցել դրան։ Առայժմ ինքն ազատ էր դեռ։
― Թույլ տվեք։― Ասաց նա և պահակների արանքով շտապ անցավ իր սենյակը։
― Խելամիտ մարդ է երևում։― Լսեց նա իր թիկունքում։
Սենյակում Կ֊ն դուրս քաշեց գրասեղանի դարակը, ուր ամեն ինչ կանոնավոր կերպով դասավորված էր, սակայն հուզմունքը նրան թույլ չէր տալիս այդ պահին գտնել իր անձի իսկությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը։ Ի վերջո նա գտավ վարորդական իրավունքը, ուզեց վերցնել ու գնալ պահակների մոտ, սակայն փաստաթուղթը նրան պակաս կարևոր թվաց, և նա շարունակեց փնտրել, մինչև գտավ ծննդյան վկայականը։ Երբ նորից կողասենյակ վերադարձավ, նույն պահին բացվեց դիմացի դուռը, և ֆրաու Գրուբախը ուզեց ներս գալ։ Նա միայն մի պահ երևաց, որովհետև հազիվ էր Կ֊ին նկատել, մտահոգ տեսքով ներողություն խնդրեց, անհետացավ ու շատ զգույշ փակեց դուռը։
― Ներս եկեք։― Դեռ կարող էր ասել Կ֊ն, սակայն փաստաթղթերը ձեռքին նա կանգնել էր սենյակի մեջտեղում, նայում էր դռան կողմը (դուռն այլևս չբացվեց) և սթափվեց միայն պատուհանի մոտ փոքր սեղանի շուրջ նստած պահակների ձայնից։ Կ֊ն նկատեց, որ նրանք իր նախաճաշն են խփշտում։
― Ինչո՞ւ ներս չեկավ,― հարցեց Կ֊ն։
― Չի կարելի,― ասաց մարմնեղ պահակը։― Դուք, ախր, ձերբակալված եք։
― Ինչպե՞ս թե։ Եվ ա՞յս կերպ եմ ձերբակալված։
― Էլի սկսեցիք,― ասաց պահակն ու բուտերբրոդը թաթախեց մեղրամանի մեջ։― Նման հարցերին մենք չենք պատասխանում։
― Պարտավոր եք։ Ահա իմ փաստաթղթերը։ Այժմ ցույց տվեք ձեր փաստաթղթերը և, ամենից առաջ՝ ձերբակալման հրամանը։
― Տեր աստված,― բացականչեց պահակը։― Դուք, կարծես, չեք կարողանում հաշտվել Ձեր դրության հետ, և մեզ, որ Ձեր շրջապատի մարդկանցից ամենամոտն ենք հավանաբար, աշխատում եք իզուր տեղը ջղայնացնել։
― Այդպես է, հավատացեք ինձ։― Խոսեց Ֆրանցը և ձեռքին պահած սուրճի գավաթը ոչ թե շուրթերին մոտեցրեց, այլ երկար, հնարավոր է ինչ֊որ բան նշանակող, բայց անհասկանալի հայացքով նայեց Կ֊ին։ Կ֊ն, իր կամքից անկախ, հայացքներ փոխանակեց Ֆրանցի հետ, հետո, սակայն, ձեռքը խփեց իր թղթերին ու ասաց․
― Ահա իմ փաստաթղթերը։
― Մեզ ինչ,― արդեն բղավեց մարմնեղ պահակը։― Դուք երեխայից էլ վատ եք պահում Ձեզ։ Ի՞նչ եք ուզում։ Մեզ՝ պահակներիս հետ փաստաթղթերի ու ձերբակալման հրամանի մասին վիճաբանելով ցանկանում եք Ձեր անիծյալ, ծավալուն դատավարությունը արագ ավարտի՞ հասցնել։ Մենք ենթակա մարդիկ ենք, հազիվ ենք փաստաթղթերի սևը սպիտակից ջոկում և Ձեր գործում ուրիշ անելիք չունենք, քան օրվա մեջ տաս ժամ հսկելն ու դրա համար վարձատրվելը։ Այդ է մեր անելիքը, բայց նաև հասկանում ենք, որ վերադաս օրգանները (մենք նրանց ենք ծառայում), նախքան ձերբակալության որևէ հրաման տալը, մանրամասն տեղեկություններ են հավաքում ձերբակալման պատճառի և ձերբակալվող անձի մասին։ Այդ հարցում ոչ մի սխալ չկա։ Մեր գերատեսչությունը, ինչքան ես գիտեմ (իսկ ես միայն ստորին խավին եմ ճանաչում), ժողովրդի մեջ ոչ թե հանցանք է փնտրում, այլ, ինչպես օրենքում է գրված, գործում է հանցանքից դրդված, և պարտավոր է մեզ ուղարկել հսկելու։ Սա է օրենքը, և այստեղ ոչ մի սխալ չի կարող լինել։
― Ես այդ օրենքը չգիտեմ,― ասաց Կ֊ն։
― Ավելի վատ Ձեզ համար։
― Դրանք երևի միայն ձեր գլխում գոյություն ունեն,― Կ֊ն ուզում էր մի կերպ կարդալ պահակների մտքերը, դրանք հօգուտ իրեն շրջել կամ նրանց մտքերի մեջ տեղ գրավել։
― Դեռ կզգաք Ձեզ վրա,― Կ֊ին ընդհատեց պահակը։
― Նկատեցի՞ր, Վիլլեմ,― խոսակցությունը միջամտեց Ֆրանցը։― Նա հայտնում է, թե չգիտե օրենքը, միաժամանակ պնդում է, թե անմեղ է։
― Իրավացի ես, սակայն նրան ոչինչ չի կարելի հասկացնել։
Կ֊ն այլևս չխոսեց։ «Ի՞նչ է, պետք է թույլ տամ, որ այս ենթակա անձանց շաղակրատանքը (իրենք խոստովանեցին, որ ենթակա մարդիկ են) ինձ ավելի՞ շփոթեցնի։― Մտածեց նա։― Նրանք այնպիսի բաներ են խոսում, որ, համենայն դեպս, իրենք ևս չեն հասկանում։ Այդ խոսքերի հավաստի լինելը միայն նրանց հիմարության շնորհիվ է հնարավոր։ Իմ դիրքին համատասխան մարդու հետ փոխանակած մի քանի խոսքը ամեն ինչ անհամեմատ ավելի պարզ կդարձնի, քան սրանց հետ երկար խոսելը»։
Նա մի քանի անգամ հետ ու առաջ քայլեց սենյակի ազատ տարածության մեջ, դիմացի պատուհանում տեսավ ծեր տիկնոջը, որ ավելի հասակավոր մի ծերունու էլ էր պատուհանին մոտ քաշել ու պահում էր գրկած։ Կ֊ն պետք է վերջ տար այս ներկայացմանը։
― Ինձ ձեր պետի մոտ տարեք։
― Միայն՝ երբ նա ինքը ցանկանա։ Ոչ ավելի շուտ,― ասաց մարմնեղ պահակը, որի անունը Վիլլեմ էր։― Իսկ առայժմ խորհուրդ կտամ,― ավելացրեց նա,― որ գնաք Ձեր սենյակը, հանգիստ պահեք Ձեզ և սպասեք, թե Ձեզ վերաբերող ինչ կարգադրություններ կլինեն։ Խորհուրդ ենք տալիս․ Ձեզ մի տանջեք ավելորդ մտքերով, այլ հավաքեք Ձեզ․ Ձեզանից դեռ ավելի մեծ բաներ կպահանջվեն։ Դուք այնպես չեք վարվում մեզ հետ, ինչպես Ձեր հանդեպ ունեցած մեր տրամադրվածությանն է վայել։ Մոռացել եք, որ մենք՝ ով էլ որ լինենք ընդհանրապես, գոնե այժմ, ի տարբերություն Ձեզ, ազատ մարդիկ ենք, իսկ դա փոքր առավելություն չէ։ Համենայնդեպս, եթե փող ունեք, մենք պատրաստ ենք դիմացի սրճարանից մի փոքր նախաճաշ բերել Ձեզ համար։
Առանց այդ առաջարկին պատասխանելու, Կ֊ն որոշ ժամանակ լուռ կանգնեց։ Եթե ինքը բացեր հաջորդ սենյակի կամ, թեկուզ, նախասենյակի դուռը, երկու պարոնները, երևի չհամարձակվեին խանգարել, և գուցե դա լիներ իր իսկ չափազանցրած հարցի ամենապարզ լուծումը։ Սակայն հնարավոր է նաև, որ բռնեին, և եթե ինքը մի անգամ տապալվեր, ապա կորած կլիներ նաև այն ողջ առավելությունը, որ այժմ ուներ նրանց հանդեպ։ Այդ պատճառով Կ֊ն նախընտրեց դեպքերի բնական ընթացքի տված լուծման հուսալիությունը և, առանց որևէ բան ասելու (պահակները նույնպես լուռ էին), գնաց իր սենյակը։ Նա նետվեց մահճակալին ու լվացարանի վրայից վերցրեց դեռ երեկվա ընթրիքից նախաճաշի համար թողած կարմրաթուշ խնձորը։ Այժմ դա էր նրա միակ նախաճաշը և, ինչպես համոզվեց առաջին խոշոր պատառը կծելուց հետո, ավելի լավն էր, քան կլիներ գիշերային կեղտոտ սրճարանից պահակների ողորմածությամբ բերված նախաճաշը։ Նա իրեն վստահ ու լավ էր զգում։ Թեև մինչև ճաշ բաց էր թողնելու աշխատանքը, սակայն բանկի համեմատաբար բարձր աստիճանավորի համար, որոնցից մեկն ինքն էր, դա ներելի էր։ Արդյոք կարիք կա՞ր ղեկավարությունից ներողություն խնդրել։ Նա մտադիր էր այդպես վարվել։ Եթե հանկարծ չհավատային (մի բան, որ խիստ հնարավոր էր), կարող էր ֆրաու Գրուբախին վկայակոչել կամ թեկուզ դիմացի երկու ծերուկներին, որոնք այժմ երևի գալիս էին Կ֊ի սենյակին դեմհանդիման ընկած պատուհանների կողմը։ Կ֊ն զարմանում էր, հենց թեկուզ պահակների մտածելակերպն էր զարմացնում նրան․ իրեն փակել էին սենյակում և մենակ թողել, մինչդեռ ինքը ինքնասպան լինելու այդքան շատ հնարավորություն ուներ։ Միաժամանակ նա (այս անգամ արդեն սեփական մտքերի ընթացքից ելնելով) ինքն իրենց հարցրեց, թե նման քայլ կատարելու համար ի՞նչ պատճառ կարող է ունենալ։ Որ այն երկուսը նստել էին կողքի սենյակում և ձեռքնե՞րն էին առել իր նախաճաշը։ Ինքնասպան լինելն այնքան անիմաստ բան էր, որ նա, եթե անգամ ուզենար էլ, հենց թեկուզ անիմաստության պատճառով ի վիճակի չէր լինի այդ բանն անել։ Եթե պահակների մտավոր սահմանափակությունն այդ աստիճան ակնառու չլիներ, կարելի կլիներ ենթադրել, թե նրանք էլ, նույն համոզմունքից ելնելով, ոչ մի վտանգ չէին տեսել իրեն մենակ թողնելու մեջ։ Եթե պահակներն այժմ կարողնանային հետևել, կտեսնեին, թե ինչպես Կ֊ն պահարանի կողմը գնաց (այնտեղ լավորակ շնապս էր պահում), առաջին բաժակը խմեց նախաճաշի տեղակ, երկրորդը՝ արիության համար, երրորդը՝ չնախատեսված որևէ դեպքի զգուշավորությունից․ կարող է պետք գար։
Նույն պահին կողասենյակից կանչող ձայնը այնպես վախեցրեց նրան, որ ատամները բաժակի եզրին կափկափեցին։
― Վերակացուն է կանչում։
Միայն բղավողը սարսափեցերց Կ֊ին․ կարճ, զինվորական կանչ էր և բնավ չէր կարելի հավատալ, թե ձայն տվողը պահակ Ֆրանցը կլիներ։ Թե չէ՝ հրամանը նրա սրտովն էր։
― Վերջապես։― Ասաց նա ի պատասխան, փակեց պահարանն ու իսկույն շտապեց կողքի սենյակը, ուր կանգնած երկու պահակները նրան նորից հետ քշեցին։ Նրանց այդ արարքը կարծես ինքնին հասկանալի պետք է լիներ։
― Ինչպե՞ս եք համարձակվում։ Ուզում եք շապիկով կանգնել վերակացուի դիմաց։ Նա կկարգադրի թակել Ձեզ, մեզ էլ հետը։
― Թողեք, գրողը տանի,― բղավեց Կ֊ն։ Նրան հետ էին քշել մինչև զգեստների սնդուկը։― Ով անկողնում պառկած տեղն է ինձ վրա տալիս, չի կարող ակնկալել, թե ինձ տոնական կոստյումով կտեսնի։
― Անօգուտ է,― ասացին պահակները։ Նրանք, երբ Կ֊ն բղավում էր, հանդարտվում էին, համարյա տխուր տեսք էին ընդունում և դրանով կա՛մ շփոթեցնում էին Կ֊ին, կա՛մ որոշ չափով ուշքի էին բերում։
― Ծիծաղելի արարողություններ են,― մրթմրթաց նա, սակայն աթոռի վրայից վերցրեց շապիկը և երկու ձեռքով մի պահ այնպես պահեց, կարծես պահակների կարծիքն էր ուզում իմանալ։
― Սև պետք է լինի,― գլուխներն օրորեցին նրանք։
Այդ խոսքերի վրա Կ֊ն վերնաշապիկը նետեց հատակին և ինքն էլ բնավ չհասկացավ, թե ինչ նկատի ուներ, երբ ասաց․
― Ախր դատավարության եզրափակիչ նիստը չէ։
― Հանդերձը պետք է սև լինի։― Պահակները ժպտացին, բայց անդրդելի մնացին։
― Եթե դրանով կարող եմ արագացնել գործը, համաձայն եմ։― Կ֊ն բացեց սնդուկը, երկար փնտրեց բազմաթիվ շորերի մեջ, ընտրեց լավագույն սև կոստյումը, որ կիպ գրկում էր իրանը և ծանոթների շրջանում մեծ տպավորություն էր թողել, մի ուրիշ վերնաշապիկ հանեց ու սկեց խնամքով հագնել։ Միաժամանակ նա մտածում էր, թե գործի ընթացքը կարագանա նրանով, որ պահակները մոռացան ստիպել իրեն ցնցուղ ընդունել։ Կ֊ն զննեց նրանց․ գուցե հիշեի՞ն, սակայն պահակների մտքով չանցավ, փոխարենը Վիլլեմը չմոռացավ Կ֊ի հագնվելու մասին զեկույցով Ֆրանցին վերակացուի մոտ ուղարկել։
Հագնվելուց հետո Կ֊ն պետք է կողքի դատարկ սենյակով, կիպ Վիլլեմի դիմացից, անցներ հաջորդ սրահը, որի դռան երկու փեղկերն արդեն բաց էին։ Կ֊ն հաստատ գիտեր, որ այդ սենյակում վերջերս բնակվում էր մասնագիտությամբ մեքենագրուհի ոմն մի ֆրոյլայն Բյուրստներ։ Նա առավոտ վաղ գործի գնալու և ուշ վերադարռնալու սովորություն ուներ, և Կ֊ն նրա հետ ողջույնից բացի ուրիշ ոչ մի բառ չէր փոխանակել։
Գիշերային արդուզարդի սեղանը, որի հետևում ոտքերն իրար վրա գցած, մի ձեռքը աթոռի թիկնակին նստել էր վերակացուն, ֆրոյլայն Բյուրստների մահճակալի մոտից տեղափոխված էր սենյակի կենտրոնը և քննասեղանի տեղ էր ծառայելու։ Սենյակի մի անկյունում երեք երիտասարդներ կանգնել, պատից կախված խսիրի ծղոտների արանքը խցկած նկարներն էին նայում։ Բաց պատուհանի բռնակից սպիտակ վերնաշապիկ էր կախված։ Դիմացի պատուհանում նորից երկու ծերունիներն էին, միայն թե այդ խումբը մեծացել էր․ նրանց թիկունքում շատ բարձրահասակ, կուրծքը բաց վերնաշապիկ հագած մի մարդ էր կանգնել և մատներով խաղում էր սուրսայր, կարմրավուն մորուքի հետ։
― Յոզեֆ Կ՞․,― հարցրեց վերակացուն՝ շատն էլ երևի նրա ցրված հայացքն իր կողմն ուղղելու նպատակով։ Կ֊ն գլխով արեց։― Այս առավոտվա դեպքերն, անշուշտ, անակնկալի՞ բերեցին Ձեզ։― Հարցրեց վերակացուն և, միաժամանակ, երկու ձեռքով տեղաշարժեց սեղանի վրայի սակավաթիվ իրերը՝ մոմը, լուցկին, մի գիրքը և ասեղի բարձիկը․ դրանք կարծես, քննության համար անհրաժեշտ իրեր լինեին։
― Ինչ խոսք։― Ասաց Կ֊ն, և նրան համակեց վերջապես մի խելացի մարդու դեմ կանգնած լինելու, նրա հետ գործի մասին խոսելու հնարավորության պատճառած ուրախությունը։― Ինչ խոսք, ես անակնկալի էի եկել, բայց ոչ այնքան շատ։
― Ո՞չ այնքան։― Հարցրեց վերակացուն և մոմը դրեց սեղանի մեջտեղում, իսկ շուրջը խմբեց մնացած իրերը։
― Երևի սխալ եք հասկանում ինձ,― շտապես բացատրել Կ֊ն։― Ուզում եմ ասել, որ․․․։― Նա ընդհատեց խոսքն ու հայացքով բազկաթոռ փնտրեց։― Կարող եմ նստել, այդպես չէ՞։
― Ընդունված չէ։
― Ուզում եմ ասել,― առանց հետագա ընդմիջումների շարունակեց Կ֊ն,― որ ես համեմատաբար շատ անակնկալի եկա, սակայն երբ մարդ տարի ապրի աշխարհիս երեսին և միայնակ հաղթահարի ամեն ինչ, ինչպես ինձ է վիճակված եղել, որոշ չափով հետ վարժված կլինի անակնկալի գալուց, և եղածն էլ այնքան ծանր չի տանի։ Հատկապես այսօրվանը որ՝ ոչ։
― Իսկ ինչո՞ւ այսօրվանը՝ ոչ։
― Չեմ ուզում ասել, թե այս ամբողջը կատակ եմ համարում։ Կազմակերպված գործողությունները կատակի համար շատ են ծավալուն։ Պանսիոնի երևի բոլոր անդամները մասնակցում են, Դուք էլ նրանց հետ․ դա անցնում է կատակի սահմանը։ Կարճ ասած, չէի ասի, թե կատակ է։
― Միանգամայն ճիշտ է,― հաստատեց վերակացուն և ստուգեց, թե քանի հատիկ կա լուցկու տուփի մեջ։
― Մյուս կողմից,― շարունակեց Կ֊ն և դիմեց բոլորին (նա հաճույքով կդիմեր նաև լուսանկարների մոտ կանգնած երեք հոգուն),― մյուս կողմից, գործն այնքան էլ կաևոր չէ։ Ես սա այն բանից եմ եզրակացնում, որ մեղադրված եմ, սակայն չեմ կարող ամենաչնչին մեղքն անգամ գտնել, որի պատճառով կարելի լիներ ինձ մեղադրել։ Սակայն նույնիսկ դա է երկրորդական։ Հիմնական հարցն այն է, թե ո՞ւմ կողմից եմ մեղադրված, ի՞նչ գերատեսչություն է վարում դատաքննությունը։ Դուք պաշտոնյա՞ եք․ ոչ ոք համազգեստով չէ, եթե, իհարկե,― Կ֊ն շրջվեց Ֆրանցի կողմը,― համազգեստ չանվանեք ձեր հագուստը։ Բայց դա ավելի շուտ ճամփորդական կոստյում է։ Այս հարցերում ես պարզություն եմ պահանջում և համոզված եմ, որ պարզաբանումից հետո սրտառուչ կերպով կարող ենք բաժանվել իրարից։
Վերակացուն լուցկու տուփը գցեց սեղանին։
― Դուք շատ եք սխալվում,― ասաց նա։― Այստեղի պարոնները և ես ձեր գործում այդ աստիճան ազդեցիկ չենք։ Մենք գործի մասին համարյա ոչինչ չգիտենք։ Կարող էինք ամենաիսկական համազգեստներով լինել, բայց Ձեր գործը դրանից բնավ ավելի լավ վիճակում չէր լինի։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, որ Դուք մեղադրված եք, կամ, առավել ևս, ես չգիտեմ, թե արդո՞ք Դուք եք մեղադրվածը։ Դուք ձերբակալված եք, դա ճիշտ է։ Սրանից բացի ոչինչ չգիտեմ։ Միգուցե պահակներն այլ բան են դուրս տվել, այդ դեպքում դա միայն բարբաջանք է եղել։ Եթե անգամ այժմ Ձեր հարցերին չպատասխանեմ, գոնե կարող եմ խորհուրդ տալ, որ ավելի քիչ մտածեք մեր մասին և այն մասին, թե ի՞նչ է կատարվելու Ձեզ հետ։ Լավ կլինի ավելի շատ մտածեք Ձեր մասին և այնքան էլ մեծ աղմուկ մի սարքեք Ձեր անմեղության զգացումով։ Դա վնասում է, չէի ասի, թե վատ, տպավորությանը, որ Դուք եք թողնում ընդհանրապես։ Հետո պետք է խոսելու ժամանակ նաև ավելի զուսպ լինեք։ Ձեր քիչ առաջ ասածի իմաստը, եթե թեկուզ մի քանի բառ ասեիք, կարելի էր Ձեր վարմունքից կռահել, և, դրանից բացի, Ձեր համար բարենպաստ ոչինչ չկար այնտեղ։
Կ֊ն աչքերը հառել էր վերակացուին։ Թերևս ավելի երիտասարդ մեկը դպրոցականին վայել խրատնե՞ր էր տալիս։ Կշտամբո՞ւմ էր անկեղծության համար, իսկ ձերբակալման և այն մասին, թե ով է կարգադրել, ոչինչ չէր ասում։ Պարզ երևում էր, որ Կ֊ն հուզվեց, սկսեց ետուառաջ քայլել սենյակում (ոչ ոք չէր խանգարում նրան), ծալեց թեզանիքները, շոշափեց կուրծքը, ուղղեց մազերը, անցավ երեք պարոնների կողքով։
― Ախր անիմաստ բան է,― ասաց նա։ Այդ խոսքերից երեքն էլ շուռ եկան նրա կողմն ու պատրաստակամ, բայց՝ լուրջ, նայեցին։ Կ֊ն ի վերջո կանգ առավ վերակացուի սեղանի դիմաց։
― Դատախազ Հաստերերն իմ լավ ընկերն է,― ասաց նա։― Կարո՞ղ եմ զանգել նրան։
― Իհարկե,― ասաց վերակացուն։― Բայց չգիտեմ, թե ի՞նչ միտք ունի։ Որևէ իմաստ կունենար, եթե նրա հետ մասնավոր գործերի մասին խոսելու բան ունենայիք։
― Ի՞նչ միտք։― Ավելի շուտ շփոթված, քան զայրացած բղավեց Կ֊ն։― Դուք ո՞վ եք։ Դուք ինչ֊որ իմաստ եք ուզում, երբ երբևէ եղած ամենաանիմաստ բա՞նն եք մատուցում։ Մարդու սիրտ է տրաքում։ Նախ այս պարոններն են հարձակվում ինձ վրա, հիմա էլ նստել կամ կանգնել են այստեղ և ինձ հնարավորություն են տալիս ցուցաբերել վարգելու իմ բարձրակարգ ընդունակությունը։ Ինչ իմաստ ունի դատախազին զանգելը, եթե ես ձերբակալված եմ համարվում։ Լավ, չեմ զանգահարի։
― Բայց ինչո՞ւ ոչ։― Վերակացուն ձեռքը պարզեց դեպի նախասենյակը, ուր հեռախոսն էր։― Խնդրեմ, զանգահարեք։
― Ոչ, այլևս չեմ ուզում։― Կ֊ն մոտեցավ պատուհանին։ Ծերունիների խումբը դեռ կանգնած էր պատուհանի մոտ, և, երբ Կ֊ն մոտեցավ, թվաց, թե խանգարվեց այն հանգիստը, որով նրանք էին հետևում այստեղ կատարվող դեպքերին։ Պառավները նույնիսկ ուզում էին թաթերի վրա բարձրանալ, սակայն թիկունքում կանգնած բարձրահասակը շարունակ հանգստացնում էր նրանց։
― Այնտեղ էլ այսպիսի հանդիսատեսներ կան,― վերակացուին բարձրաձայն դիմեց Կ֊ն և ցուցամատը դուրս պարզեց։― Հեռացեք այդտեղից,― բղավեց նա ծերունիներին։ Իսկապես, երեքն էլ մի քանի քայլ ընկրկեցին, ծերունիները նույնիսկ կարմրամորուս մարդու թիկունքն անցան․ վերջինս իր հաղթ մարմնով ծածկեց նրանց և, դատելով շուրթերի շարժումներից, այդ հեռավորության վրա անհասկանալի ինչ֊որ բան ասաց։ Սակայն նրանք վերջնականապես չհեռացան, այլ թվում էր, թե հարմար պահի էին սպասում, որ կրկին կարողանային աննկատ մոտենալ պատուհանին։
― Դե, պարոնայք,― խոսեց Կ֊ն։ Նրան մի պահ թվաց, թե այստեղ բոլորը իր ուսերին են նստած։― Եթե ձեր տեսքերից դատելու լինենք, կարելի է իմ գործն ավարտված համարել։ Ես այն կարծիքին եմ, որ ավելի լավ կլինի այլևս չմտածել ձեր այստեղ գալու անհիմն կամ հիմնավոր լինելու մասին և երկուստեք ձեռքսեղմումով գործը հաշտ ու խաղաղ վերջացնել։ Եթե դուք նույնպես իմ կարծիքին եք, ապա՝ խնդրեմ։― Նա մոտեցավ սեղանին ու պարզեց ձեռքը։ Վերակացուն բարձրացրեց հայացքը, խոնարհեց և նայեց Կ֊ի՝ իրեն մեկնած ձեռքին։ Կ֊ն շարունակ մտածում էր, թե վերակացուն կհամաձայնի իր առաջարկին, վերջինս, սակայն, ոտքի կանգնեց, ֆրոյլայն Բյուրստների մահճակալի վրայից վերցրեց կլոր, կոշտ գործքի գլխարկը և, ինչպես նոր գլխարկները փորձելու ժամանակ են անում, երկու ձեռքով բռնած զգուշորեն դրեց։
― Ձեզ ինչքան հեշտ է թվում ամեն ինչ,― միաժամանակ ասաց նա Կ֊ին։― Կարծում եք, թե մենք պետք է գործին հեշտ ու խաղաղ վերջ տանք։ Ո՛չ, ո՛չ։ Այդպես, իրոք, չի լինի։ Սակայն ես չեմ ուզում ասել, թե Դուք չպետք է հուսահատվեք։ Ոչ, ինչի՞ համար։ Դուք միայն ձերբակալված եք, ուրիշ ոչինչ։ Ես պետք է այդ բանը տեղեկացնեի Ձեզ, տեղեկացրի և հետևեցի, թե Դուք ինչպես ընդունեցիք լուրը։ Այսօրվա համար այսքանը բավական է, և մենք կարող են հրաժեշտ տալ իրար։ Այսինքն՝ ժամանակավորապես։ Դուք երևի բանկ գնա՞լ կուզենաք այժմ։
― Բա՞նկ։ Ես էլ կարծեցի, թե ձերբակալված եմ,― Կ֊ն հարցը կամավորության որոշակի հնչերանգով տվեց, որովհետև՝ չնայած նրա ձեռքսեղմումը չէր ընդունվել, սկսած առանձնապես այն պահից, երբ վերակացուն ոտքի կանգնեց, իրեն շարունակ ավելի անկախ էր զգում այդ մարդկանցից և խաղ էր անում նրանց հետ։ Եթե նրանք գնային, Կ֊ն մտադիր էր մինչև տան դարպասը հետևներից գնալ և առաջարկել ձերբակալել իրեն։ Այդ պատճառով նա կրկնեց հարցը։
― Ինչպե՞ս կարող եմ բանկ գնալ, երբ ձերբակալված եմ։
― Ախ այդպե՞ս։― Վերակացուն, որ արդեն դռան մոտ էր, շրջվեց։― Դուք ինձ սխալ հասկացաք։ Դուք, ինչ խոսք, ձերբակալված եք, բայց դա Ձեր՝ գործերով զբաղվելուն չպետք է խանգարի։ Դա չպետք է խախտի նաև Ձեր առօրյա կյանքը։
― Այդ դեպքում ձերբակալված լինելն այնքան էլ վատ բան չէ,― ասաց Կ֊ն և մոտեցավ վերակացուին։
― Ես երբեք այլ կարծիքի չեմ եղել։
― Եվ ինձ թվում է, թե ձերբակալման մասին տեղեկացնելն այնքան էլ անհրաժեշտ չէր։― Կ֊ն ավելի մոտեցավ։ Մյուսները նույնպես մոտեցել էին և դռան մոտ կանգնել փոքր խումբ կազմած։
― Դա իմ պարտքն էր,― պատասխանեց վերակացուն։
― Հիմար պարտք է ,― չզիջեց Կ֊ն։
― Թեկուզ։ Սակայն եկեք նման խոսակցությունների վրա ժամանակ չվատնենք։ Ես մտածեցի, թե Դուք ուզում եք բանկ գնալ։ Իսկ եթե բառերի հանդեպ այդքան ուշադրություն եք հանդես բերում, կավելացնեմ միայն, որ Ձեզ չեմ ստիպում բանկ գնալ։ Պարզապես ենթադրեցի, թե ուզում եք, և, որպեսզի ձեր գործը հեշտացնենք ու բանկ մտնելը հնարավորին չափ աննկատ դարձնենք, այս երեք պարոններին՝ Ձեր գործընկներներին, դնում ենք Ձեր տրամադրության տակ։
― Ինչպե՞ս,― բացականչեց Կ֊ն և, զարմացած աչքերը հառեց երեքին։ Այդ սակավարյուն, աննշան արտաքինով երիտասարդները, որոնց նա շարունակ որպես լուսանկարների մոտ կանգնած խումբ էր մտապահել, իրոք, իրենց բանկի աշխատակիցներն էին։ Ո՛չ գործընկերները (վերակացուն չափազանցրեց, և դա ցույց տվեց, որ նա այնքան էլ ամենագետ չէ), բայց, համենայն դեպս, ենթակա ծառայողներ էին։ Ինչպե՞ս կարող էր Կ֊ն անուշադրության մատնել նրանց։ Ինչքան պետք է նա տարված լիներ պահակներով ու վերակացուով, որ այդ երեքին չճանաչեր․ փայտ կուլ տված, ձեռքերը ճոճող Ռաբենշտայներին, աչքերի խորը դրվածք ունեցող դեմքով շիկահեր Կուլլիխին և Կամիներին՝ իր անտանելի, մկանների խրոնիկական ձգվածության պատճառած ժպիտով։
― Բարի լույս։― Քիչ անց ասաց Կ֊ն և քաղաքավարի խոնարհվող պարոններին պարզեց ձեռքը։― Չճանաչեցի ձեզ։ Իսկ հիմա գործի գնանք, այնպես չէ՞։
Պարոնները, ժպտալով, եռանդուն գլխով արեցին, կարծես ամբողջ ժամանակ այդ առաջարկին էին սպասել։ Միայն, երբ Կ֊ն գլխարկը մոռացավ (սենյակում էր մնացել), նրանք բոլորն իրար հետևից վազեցին բերելու, և դա ցույց տվեց, թե որքան շփոթված էին նրանք։ Կ֊ն կանգնել էր լուռ և երկու բաց դռների միջից նրանց էր նայում։ Եռյակը, ինչ խոսք, անտարբեր Ռաբենշտայներն էր եզրափակում․ նա շատ նրբակիրթ շարժուձևերով էր առաջ շարժվում։ Կամիները պարզեց գլխարկը, և Կ֊ն, ինչպես, իմիջայլոց, շատ անգամ էր լինում բանկում, պետք է խոստովաներ, որ Կամիների ժպիտը դիտավորություն չէր, որ նա չէր կարող դիտավորյալ ժպտալ։
Նախասենյակում ֆրաու Գրուբախը նրանց առջև բացեց բնակարանի դուռը։ Նրա դեմքից մեղավորության արտահայտությունն անհետացել էր, և Կ֊ն սովորականի նման նայեց գոգնոցի՝ նրա զանգվածեղ մարմնի մեջ կտրելու աստիճան խորը խրված կապով ներքև։ Երբ արդեն փողոց էին դուրս եկել, Կ֊ն, ժամացույցը ձեռքն առնելով, որոշեց մեքենա կանգնեցնել, որպեսզի մոտ կես ժամվա ուշացումը իզուր տեղը չավելացնի։ Կամիները մեքենա բերելու համար վազեց փողոցի անկյունը, մյուս երկուսը ակնհայտորեն ուզում էին զբաղեցնել Կ֊ին, երբ հանկարծ Կուլլիխը ցույց տվեց հանդիպակաց տան դարպասը։ Այնտեղ հայտնվեց կարմիր, սուրսայր մորուքով բարձրահասկան մարդը և, շփոթվելով այն հանգամանքից, որ այժմ երևում է ողջ հասակով մեկ, հետ քաշվեց ու սեղմվեց պատին։ Ծերունիները երևի դեռ իջնում էին աստիճաններով։ Կ֊ն զայրացավ, որ Կուլլիխը ուշադրություն էր հրավիրել այդ մարդու վրա․ ինքն արդեն տեսել էր նրան և սպասում էլ էր, որ նա կհայտնվի։
― Այդ կողմը մի նայեք,― նետեց Կ֊ն, առանց նկատելու, թե որքան արտառոց է ինքնուրույն մարդկանց հետ նման ձևով խոսելը։ Բացատրության անհրաժեշտություն նույնպես չեղավ, որովհետև նույն պահին մեքենան եկավ, նրանք նստեցին և շարժվեցին տեղից։ Կ֊ն հիշեց, որ ինքը չնկատեց վերակացուի և պահակների հեռանալը։ Վերակացուն պահակներին թաքցրել էր իր աչքից, իսկ այժմ արդեն պահակներն էին վերակացուին թաքցրել։ Դա ցույց տվեց, որ ինքն այնքան էլ զգոն չի եղել և մտադրվեց ավելի ուշադիր լինել։ Նա ակամա շուռ եկավ և մեքենայի ծածկոցի վրա կռացավ, որպեսզի հնարավորության դեպքում նորից տեսներ վերակացուին և պահակներին, սակայն անմիջապես նորից հետ շրջվեց և, առանց ինչ֊որ մեկին փնտրելու փորձի, հարմար տեղավորվեց մեքենայի անկյունում։ Չէր զգացվում, թե նա հենց այդ պահին զրուցելու, որևէ մեկի հետ կիսվելու անհրաժեշտություն ուներ։ Բայց պարոններն հոգնած էին թվում․ Ռաբենշտայներն աջակողմյան պատուհանից էր դուրս նայում, Կուլլիխը՝ ձախ, տրամադրության տակ միայն Կամիներն էր՝ ատամները բաց մինչդեռ Կ֊ի մարդկային բնավորությունը թույլ չէր տալիս ծիծաղել նման բաների վրա։
Այդ գարնանը Կ֊ն սովորություն ուներ հետևյալ կերպ անցկացնել երեկոները։ Նա, մեծ մասամբ, մինչև ժամը ինը նստում էր գրասենյակում և գործից հետո, եթե դեռ ժամանակ էր լինում, մենակ կամ բանկի ծառայողների հետ մի փոքր զբոսնում էր, հետո գարեջրատուն էր գնում և, սովորաբար ավելի տարեց պարոնների ընկերակցությամբ, մինչև ժամը տասնմեկը նստում էր իրենց մշտական սեղանի շուրջը։ Այդ ռեժիմի մեջ խախտումներ, ինչ խոսք, երբեմն լինում էին, երբ Կ֊ին, օրինակ, բանկի դիրեկտորը (վերջինս շատ էր գնահատում Կ֊ի աշխատունակությունը և արժանահավատ բնավորությունը) մեքենայով ճամփորդության կամ իր վիլլան ընթրիքի էր հրավիրում։ Դրանից բացի, նա շաբաթը մի անգամ գնում էր Էլզա անունով մի աղջկա մոտ, որ գիշերները մինչև առավոտ որպես մատուցողուհի աշխատում էր գինու պանդոկում, իսկ ցերեկներն անկողնու մեջ էր հյուրեր ընդունում։ Այդ երեկո, սակայն, Կ֊ն ուզեց անմիջապես տուն գնալ։ Լարված աշխատանքի և ծննդյան օրվա կապակցությամբ ընկերական բազմաթիվ, մեծարող բարեմաղթությունների մթնոլորտում օրն աննկատ էր անցել։ Բոլոր կարճատև ընդմիջումների ժամանակ նա միշտ մի բանի մասին էր մտածել․ առանց հաստատ գիտենալու, թե ինչ էր ուզում, նրան թվացել էր, թե առավոտվա դեպքերը մեծ անկարգություն են պատճառել ֆրաու Գրուբախի ողջ բնակարանում, և կարգուկանոնը վերահաստատելու համար հենց իր աջակցությունն էր պետք։ Եթե կարգուկանոնը վերահաստատվեր, կատարվածի բոլոր հետքերը մաքրված կլինեին, և ամեն ինչ կգնար իր սովորական ընթացքով։ Երեք ծառայողներից վախենալու առանձնապես ոչ մի պատճառ չէր եղել, նրանք կրկին սուզվել էին բանկի ծառայողական հոծ բազմության մեջ, և նրանց շարժուձևերում ոչ մի փոփոխություն հնարավոր չէր եղել նկատել։ Կ֊ն հաճախ էր նրանց առանձին֊առանձին կամ միասին կանչել իր գրասենյակը, բայց ամեն անգամ ազատ էր արձակել գոհ, որովհետև այդ կանչերը նրանց զննելուց բացի ուրիշ նպատակ չէին հետապնդել։
Երբ Կ֊ն ժամը ինն անց կեսին տուն հասավ, մուտքի մոտ մի պատանու տեսավ, որ, ոտքերը լայն դրած, կանգնել ու ծխամորճ էր ծխում։
― Ո՞վ եք Դուք,― իսկույն հարցրեց Կ֊ն ու դեմքը մոտեցրեց պատանուն․ միջանցքի կիսախավարը թույլ չէր տալիս լավ տեսնել։
― Դռնապահի տղան եմ, ողորմած պարոն,― տղան բերանից հանեց ծխամորճը և ճանապարհ տվեց։
― Դռնապանի տղա՞ն։― Կ֊ն ձեռնափայտով անհամբեր թակեց գետինը։
― Ողորմած պարոնն ինչ֊որ բա՞ն է ուզում։ Կանչե՞մ հորս։
― Ո՛չ, ո՛չ։― Կ֊ի ձայնի մեջ ներողմատության երանգ կար, կարծես տղան ինչ֊որ վատ բան էր թույլ տվել, իսկ ինքը ներում էր նրան։― Ամեն ինչ կարգին է,― ավելացրեց նա, շարունակեց ճանապարհը և, նախքան աստիճաններով վեր բարձրանար, մի անգամ էլ շուռ եկավ։
Նա կարող էր ուղիղ իր սենյակը գնալ, բայց, քանի որ ուզում էր ֆրաու Գրուբախի հետ խոսել, բացեց նրա դուռը։ Ֆրաու Գրուբախը նստել էր սեղանի մոտ, ձեռքին գործած գուլպա էր, և սեղանին էլ մի ամբողջ կույտ հին գուլպա էր լցված։ Կ֊ն՝ ցրված, ներողություն խնդրեց, որ այդպես ուշ ժամի է անհանգստացնում, սակայն ֆրաու Գրուբախը շատ բարեկամաբար էր տրամադրված և ոչ մի ներողության մասին չուզեց լսել․ նա միշտ պատրաստ է լսել Կ֊ին, Կ֊ն ախր շատ լավ գիտե, որ ինքը նրա ամենալավ ու ամենասիրելի կենվորն է։ Կ֊ն շուրջը նայեց։ Սենյակում ամեն ինչ առաջվա պես էր․ նախաճաշի սպասքը, որ առաջ պատուհանի մոտ էր դրված՝ փոքր սեղանին, նույնպես վերցված էր։
«Կանացի ձեռքերը առանց աղմուկ հանելու շատ բան են անում»,― մտածեց նա ու որոշակի երախտագիտությամբ նայեց ֆրաու Գրուբախին․ ինքն հաստատ տեղնուտեղը կփշրեր սպասքը և չէր կարողանա դուրս տանել։
― Ինչո՞ւ եք աշխատում այս ուշ ժամին։― Նրանք երկուսով նստել էին սեղանի մոտ, և Կ֊ն ժամանակ առ ժամանակ ձեռքը մտցնում էր գուլպաների կույտի մեջ։
― Անելիք շատ կա։ Ցերեկները կենվորների տրամադրության տակ եմ, եթե ուզում եմ իմ իրերը կարգի բերել, միայն երեկոներն են մնում։
― Երևի ես էլ այսօր արտասովոր աշխատանք պատճառեցի Ձեզ։
― Այդ ինչպե՞ս։― Թեթևակի աշխուժանալով հարցրեց ֆրաու Գրուբախը․ գուլպան մնացել էր նրա գոգին։
― Նկատի ունեմ առավոտվա տղամարդկանց։
― Ահա՜ թե ինչ,― ասաց նա ու վերագտավ իր հանգիստը։― Դա ինձ առանձնապես ոչ մի դժվարություն չպատճառեց։
Կ֊ն անձայն հետևեց, թե ինչպես ֆրաու Գրուբախը նորից ձեռքն առավ գուլպան։ «Նա կարծես զարմանում է, որ ես այդ մասին եմ խոսում,― մտածեց Կ֊ն։― Կարծես ճիշտ չի համարում, որ խոսք եմ բացում։ Կարևորն այն է, որ ես եմ սկսում։ Միայն այս ծեր կնոջ հետ եմ կարող խոսել այդ թեմայով»։
― Ինչ ուզում է լինի,― բարձրաձայն ավելացրեց նա,― այնուամենայնիվ, Ձեզ ավելորդ հոգս պատճառեց։ Սակայն դա այլևս չի կրկնվի։
― Ոչ, դա այլևս չի կրկնվի,― հաստատեց ֆրաու Գրուբախը և թախծոտ ժպիտով նայեց Կ֊ին։
― Դուք լո՞ւրջ եք ասում,― հարցրեց Կ֊ն։
― Այո,― ավելի մեղմ ասաց նա։― Սակայն, ամենից առաջ, Դուք չպետք է եղածը շատ ծանր ընդունեք։ Ինչ ասես չի կատարվում կյանքում։ Քանի որ այդպես անկեղծ եք խոսում ինձ հետ, պարոն Կ․, կարող եմ խոստովանել․ ես դռան հետևից մի փոքր ականջ եմ դրել, և հետո՝ երկու պահակները որոշ բաներ պատմել են ինձ։ Խոսքը Ձեր բարեկեցության մասին է, և դա ինձ շատ է ուրախացնում։ Թերևս ավելի շատ, քան պետք է լիներ, որովհետև ես միայն Ձեր բնակարանատիրուհին եմ։ Ուրեմն, ես որոշ բաներ լսեցի, սակայն չեմ կարող ասել, թե դրանցում առանձնապես վատ բան կար։ Ոչ։ Դուք թեև ձերբակալված եք, բայց ոչ այնպես, ինչպես գողի մեկը կլիներ։ Գողի նման ձերբակալված լինելը շատ վատ է, մինչդեռ սա․․․ Ինձ ինչ֊որ տեղ ուսուցողական բնույթի թվաց։ Կներեք ինձ, եթե որևէ հիմար բան ասեմ․ դա ինձ ուսուցողական այնպիսի բան թվաց, որ ես չեմ հասկանում և որը, սակայն, չպետք է հասկացվի։
― Ասվածը բնավ հիմարություն չէ, ֆրաու Գրուբախ։ Ես էլ առնվազն Ձեզ նման եմ մտածում, սակայն, ամբողջությամբ վերցրած, այս ամենի մասին ավելի խիստ կարծիքի եմ, քան Դուք, և կատարվածը բնավ ոչ թե ուսուցողական բան եմ համարում, այլ՝ ընդհանրապես ոչինչ։ Ինձ հանկարծակիի բերեցին․ այդպես է։ Եթե արթնանալուց անմիջապես հետո չթողնեի, որ Աննայի ներս չգալը շփոթեցներ ինձ, վեր կենայի և առանց մեկնումեկին հաշվի առնելու (ով էլ որ ճանապարհս փակեր) Ձեզ մոտ եկած լինեի, այս անգամ որպես բացառություն խոհանոցում նախաճաշեի, Ձեզ խնդրեի իմ սենյակից բերել շորերս, կարճ ասած, եթե ավելի խելամիտ գտնվեի, ապա ոչինչ չէր պատահի, և ինչ լինելու էր, կկանխվեր։ Բայց ո՞ւմ մտքով կանցներ։ Բանկում, օրինակ, ես միշտ ուշադիր եմ, և հնարավոր չէ, որ այնտեղ նման բան կատարվեր։ Այնտեղ ես հատուկ ծառա ունեմ, ընդհանուր գործածության և գրասենյակային հեռախոսները դրված են դիմացս՝ սեղանին, մարդիկ են գալիս շարունակ, այցելուներ, ծառայողներ, դրանից բացի (ամենից առաջ), ես այնտեղ միշտ զբաղված եմ և, հետևաբար, զգոն։ Ինձ ուղղակի հաճույք կպատճառեր այնտեղ նման գործի հետ առնչվելը։ Եղածն անցած է, և ես, ճիշտն ասած, չէի ուզենա այլևս այդ մասին խոսել։ Միայն Ձեր կարծիքը, Ձեզ նման խելամիտ կնոջ կարծքիը կուզենայի լսել և շատ գոհ եմ, որ այդ հարցում մենք համամիտ ենք։ Դեհ, տվեք ինձ Ձեր ձեռքը։ Այդպիսի զուգադիպությունը պետք է ձեռքսեղմումով վավերացվի։
«Վերակացուն չտվեց ձեռքը։ Արդյո՞ք նա կմեկնի»,― մտածեց Կ֊ն և ֆրաու Գրուբախին նայեց արդեն ոչ նախկին հայացքով, այլ՝ քննախույզ։
Որովհետև Կ֊ն ոտքի էր կանգնել, ֆրաու Գրուբախը նույնպես ելավ տեղից։ Նա մի փոքր շփոթված էր երևում, Կ֊ի ասածներից ամեն ինչ չէ, որ հասկանալի էր եղել նրան, այդ շփոթվածության պատճառով նա մի բան ասաց, որ չէր ուզում ասած լինել բնավ, և որը տեղին չէր բոլորովին։
― Այդքան ծանր մի տարեք, պարոն Կ․։― Նրա ձայնը արտասվախառն էր ու, բնական է՝ նաև մոռացավ ձեռքսեղմումը։
― Չգիտեի, որ ծանր եմ տանում։― Հանկարծ հոգնածություն զգալով և այդ կնոջ հավանությունների արժեքազուրկ լինելը գիտակցելով ասաց Կ֊ն։― Ֆրոյլայն Բյուրստները տա՞նն է,― դռանն հասնելով, հարցրեց նա։
― Ոչ։― Չոր տեղեկություն տալու ժամանակ ֆրաու Գրուբախը ժպտաց ուշացած, խոհեմ կարեկցանքով։― Թատրոն է գնացել։ Բա՞ն էիք ուզում։ Որևէ բան հայտնե՞մ նրան։
― Ես մի քանի խոսք էի ուզում փոխանակել նրա հետ։
― Ցավոք, չգիտեմ, թե երբ կգա։ Թատրոն գնացած օրերին սովորաբար ուշ է վերադառնում։
― Կարևոր չէ։― Ասաց Կ֊ն, ուզեց դուրս գալ և, գլուխը կախ, դեպի դուռը շուռ եկավ։― Ուզում էի միայն ներողություն խնդրել, որ այսօր զբաղեցրել էի նրա սենյակը։
― Կարիք չկա, պարոն Կ․։ Դուք չափազանց նրբազգաց եք։ Ֆրոյլայնը ոչ մի բանից տեղյակ չէ։ Նա վաղ առավոտվանից դեռ տուն չի եկել և, հետո, ամեն ինչ կարգի է բերված։ Ինքներդ նայեք։― Նա բացեց ֆրոյլայն Բյուրստների սենյակի դուռը։
― Շնորհակալություն, հավատում եմ,― ասաց Կ֊ն, բայց մոտեցավ բաց դռանը։ Լուսնի խաղաղ լույս կար սենյակում, որքանով որ կարելի էր տեսնել, իրոք, ամեն բան իր տեղում էր, վերնաշապիկը նույնպես, այլևս պատուհանի բռնակից կախված չէր։ Աչքի էին զարնում մահճակալի վրա բարձր դարսած բարձերը, որոնք մասամբ լուսնալույսի երիզի մեջ էին։
― Ֆրոյլայնը հաճախ է ուշ տուն գալիս։― Ասաց Կ֊ն և այնպես նայեց ֆրաու Գրուբախին, կարծես նա էր դրա համար պատասխանատու։
― Բոլոր ջահելների նման․․․― արդարացնելով պատասխանեց ֆրաու Գրուբախը։
― Իհարկե, իհարկե, բայց այդպես կարող է հեռուն գնալ։
― Կարող է։ Շատ իրավացի եք, պարոն Կ․։ Թերևս, նույնիսկ այս դեպքում։ Ես բոլորովին չեմ ուզում ֆրոյլայն Բյուրստներին զրպարտել։ Ինչ խոսք, նա լավ, հաճելի աղջիկ է, բարեհաճ է, կարգին, աշխատասեր, ես այդ ամենը շատ եմ գնահատում, բայց ինչ որ ճիշտ է, ճիշտ է․ նա պետք է որ ավելի հպարտ և զուսպ լիներ։ Այս ամիս ես նրան արդեն երկու անգամ տեսել եմ հետ ընկած փողոցներում, և ամեն անգամ՝ տարբեր պարոնների հետ։ Ինձ համար շատ տհաճ է, ես միայն Ձեր, աստված վկա, միայն Ձեզ եմ պատմում, պարոն Կ․, սակայն խիստ հնարավոր է, որ այդ մասին նաև ֆրոյլայնի հետ խոսեմ։ Իմիջիայլոց, միայն դա չէր, որ իմ մեջ կասկած է հարուցում։
― Դուք մոլորության մեջ եք,― կատաղած ասաց Կ֊ն, որովհետև անզոր էր զայրույթը թաքցնել։― Ի դեպ, Դուք բացահայտ սխալ հասկացաք նաև ֆրոյլայնի մասին արած իմ դիտողությունը։ Ես նրան շատ լավ եմ ճանաչում, և Ձեր ասածներից ոչ մեկը ճիշտ չէ։ Այսինքն, ես գուցե շատ հեռու եմ գնում։ Չեմ ուզում խանգարել Ձեզ։ Ասեք նրան, ինչ ուզում եք։ Բարի գիշեր։
― Պարոն Կ․։― Խնդրագին արտաբերեց ֆրաու Գրուբախը և շտապեց նրա հետևից։ Կ֊ն արդեն բացել էր սենյակի դուռը։― Ես ախր առայժմ չեմ ուզում խոսել ֆրոյլայնի հետ։ Իհարկե, նախ ուզում եմ ավելի լավ ճանաչել նրան և, հետո, միայն Ձեզ վստահեցի իմ գիտեցածը։ Ի վերջո, եթե մարդ ուզում է մաքուր պահել իր պանսիոնը, բոլոր կենվորները պետք է տեղյակ լինեն պահանջներին։ Ես դրանից բացի ուրիշ բանի չեմ ձգտում։
― Մաքրութո՛ւն։― Դռան ճեղքից բղավեց Կ֊ն։― Եթե ուզում եք պանսիոնատը մաքուր պահել, նախ պետք է ինձ հեռացնեք։― Նա դուռը վրա խփեց և այլևս ուշադրություն չդարձրեց կամաց թակոցներին։
Կ֊ն քնելու ցանկություն չուներ, ընդհակառակը, նա որոշեց առայժմ արթուն մնալ, առիթի դեպքում ճշտել նաև, թե երբ կգա ֆրոյլայն Բյուրստները, և, որքան էլ անհարմար թվար, գուցեև հարկավոր լիներ նրա հետ մի քանի խոսք փոխանակել։ Պատուհանագոգին երկար մեկնված, նա մի պահ նույնիսկ որոշեց պատժել ֆրաու Գրուբախին․ ամեն ինչ պատմել ֆրոյլայն Բյուրստներին և միասին լուծարքի ենթարկել պանսիոնատը։ Սակայն այդ միտքը սարսափելի չափազանցված թվաց, և նա նույնիսկ կասկածեց, որ լուծարքի ենթարկելը և բնակարանը փոխելը առավոտվա դեպքերով են պայմանավորված։ Դրանից ավելի անիմաստ, անմիտ ու արգահատելի ոչինչ հնարավոր չէր հորինել։
Երբ Կ֊ն ձանձրացավ դատարկ փողոցին նայելուց, պառկեց բազմոցին։ Մինչ այդ նա փոքր ճեղքի չափով բացեց սենյակի դուռը, որ պառկած տեղից կարողանար տեսնել ամեն ներս մտնողի և համարյա մինչև ժամը տասնմեկը պառկեց հանգիստ, սիգար ծխելով։ Դրանից հետո այլևս չկարողացավ պառկած մնալ ու դուրս եկավ նախասենյակ․ կարծես դրանով կարող էր արագացնել ֆրոյլայն Բյուրստների վերադարձը։ Կ֊ն ֆրոյլայն Բյուրսներին տեսնելու առանձնակի ոչ մի պատճառ չուներ, նա չէր կարող նույնիսկ լավ հիշել, թե ինչպիսի տեսք ուներ ֆրոյլայնը, սակայն այժմ ուզում էր խոսել նրա հետ, և նրան հուզում էր այն հանգամանքը, որ ֆրոյլայն Բյուրստները, ուշ վերադառնալով, այդ օրվա ավարտին անգամ անհանգստություն ու անկարգություն էր մտցնում։
Նորից ֆրոյլայն Բյուրսնտերն էր մեղավոր, որ Կ֊ն չընթրեց և բաց թողեց այսօրվա համար նախատեսված հանդիպումը Էլզայի մոտ։ Այդ բացթողումները Կ֊ն կարող էր լրացնել, եթե այժմ գնար Էլզայի աշխատավայր֊գինետունը։ Նա մտադիր էր այդպես էլ վարվել, բայց միայն ֆրոյլայն Բյուրստների հետ զրուցելուց հետո։
Ժամը տասներկուսին մոտ էր արդեն, երբ սանդուղքների վրա լսվեց վերև բարձրացող ինչ֊որ մեկի ոտքերի ձայնը։ Կ֊ն, որ, մտքերին անձնատուր, աղմուկով ետուառաջ էր քայլում նախասենյակում (կարծես իր սենյակում լիներ), անցավ դռան հետևը։ Եկողը ֆրոյլայն Բյուրստներն էր․ դողացնելով, նա նեղ ուսերին էր առել մետաքսյա գլխաշորը։ Հաջորդ պահին նա իր սենյակը կգնար, իսկ Կ֊ն, ինչ խոսք, կեսգիշերին իրավունք չէր ունենա նրա սենյակը մտնել։ Ուրեմն պետք էր այժմ խոսել, սակայն, դժբախտաբար, նա մոռացել էր վառել իր սենյակի լույսը, իսկ մութ սենյակից դուրս գալը հարձակման տպավորություն կթողներ և, ամենաքիչը, խիստ կվախեցներ ֆրոյլայնին։ Անօգնական դրության մեջ, քանի որ կորցնելու ժամանակ չուներ, նա դռան ճեղքից շշնջաց։
― Ֆրոյլայն Բյուրստնե՜ր․․․,― Նրա ձայնը ավելի շուտ որպես խնդրանք հնչեց։
― Ո՞վ կա այստեղ,― հարցրեց ֆրոյլայն Բյուրստներն ու, աչքերը լայն բացելով, շուրջը նայեց։
― Ես եմ։― Առաջ եկավ Կ֊ն։
― Ախ, պարոն Կ․,― ժպտաց ֆրոյլայն Բյուրստներն ու պարզեց ձեռքը։― Բարի երեկո։
― Ես ուզում էի մի քիչ խոսել Ձեզ հետ։ Թույլ կտա՞ք։
― Հիմա՞, այս րոպեի՞ն է պետք խոսել։ Փոքր֊ինչ տարօրինակ է, այնպես չէ՞։
― Ես ժամը իննից Ձեզ եմ սպասում։
― Այո, ես թատրոն էի գնացել։ Ես, ախր, ոչինչ չգիտեի Ձեր մասին։
― Ձեզ հետ խոսելու պատճառը միայն այսօր տեղի ունեցած դեպքն է։
― Այդպես։ Ես, իհարկե, սկզբունքորեն ոչ մի առարկություն չունեմ, միայն թե սարսափելի հոգնած եմ։ Մի քանի րոպեով եկեք իմ սենյակը։ Այստեղ մենք ոչ մի դեպքում չենք կարողանա զրուցել և կարթնացնենք բոլորին։ Իսկ եթե արթնանալու պատճառը մենք դառնանք, ինձ համար ավելի տհաճ կլինի։ Սպասեք մինչև սենյակիս լույսը վառեմ և հետո այստեղ հանգցրեք լույսը։
Կ֊ն այդպես էլ վարվեց և սպասեց, մինչև ֆրոյլայն Բյուրստները իր սենյակից ցածր ձայնով կանչեց։
― Նստեցեք։― Նա ցույց տվեց թախտը, իսկ ինքը, չնայած հոգնածությանը, որի մասին խոսում էր քիչ առաջ, մնաց մահճակալի գլխի մոտ կանգնած և նունիսկ չհանեց փոքրիկ, ծաղիկներով խիտ զարդարված գլխարկը։
― Ի՞նչ էիք ուզում, ուրեմն։ Ինձ համար իրոք, հետաքրքիր է։― Նա թեթևակի խաչեց ոտքերը։
― Դուք երևի ասեք, թե դա այնքան էլ շտապ չէր,― սկսեց Կ֊ն,― որ դրա քննարկումն այնքան էլ կարևոր չէ, բայց․․․
― Ներածական մասը ես միշտ բաց եմ թողնում։
― Դա հեշտացնում է գործը։ Այսօր առավոտյան Ձեր սենյակը՝ ինչ֊որ չափով իմ մեղքով, մի փոքր տակնուվրա է արվել։ Անծանոթ մարդիկ արեցին․ իմ կամքից անկախ էր և, ինչպես ասում են, մեղավորը ես էի։ Այդ պատճառով ուզում էի ներողություն խնդրել։
― Ի՞մ սենյակը։― Ֆրոյլայն Բյուրստները սենյակի փոխարեն Կ֊ին էր զննում։
― Հենց այդպես,― ասաց Կ֊ն, և նրանք առաջին անգամ իրար աչքերի մեջ նայեցին։― Եվ այն մասին, թե ինչպես կատարվեց, չարժի որևէ բան ասել։
― Այո, բայց դա իսկապե՞ս միակ հետաքրքիր բանն է։
― Ոչ։
― Լավ,― ասաց ֆրոյլայն Բյուրստները։― Չեմ ուզում գաղտնիքների մեջ ներթափանցել։ Դուք պնդում եք, որ դա անհետաքրքիր է։ Ես էլ ոչնչով չեմ առարկի, իսկ որ ներողություն եք խնդրում, սիրով ներում եմ, մանավանդ որ անկարգության ոչ մի հետք չեմ կարող գտնել։― Նա ափերն ազդրերին ամուր սեղմած, մի պտույտ տվեց սենյակում և կանգնեց խսիրի մոտ։― Տեսեք, իմ լուսանկարներն իրոք խառնել են։ Զզվելի է։ Ուրեմն ինչ֊որ մեկը առանց իրավունքի եղել է իմ սենյակում։― Կ֊ն գլխով արեց և մտքում հայհոյեց Կամիներին, որն իր անիմաստ, զզվելի աշխուժությանը երբեք չէր կարողնաում չափ ու սահման դնել։
― Տարօրինակ է,― ասաց ֆրոյլայն Բյուրստները,― որ ես եմ ստիպված արգելել Ձեզ այն, ինչ Դուք չպետք է թույլ տայիք Ձեզ։ Նկատի ունեմ իմ բացակայության ժամանակ այս սենյակը մտնելը։
― Ֆրոյլայն, ես ախր բացատրեցի Ձեզ։― Կ֊ն ևս մոտեցավ լուսանկարներին։― Ես չեմ եղել լուսանկարները խառնողը, բայց, քանի որ չեք հավատում, պետք է խոստովանեմ, որ հետաքննող խումբն իր հետ բերել էր բանկի երեք աշխատակիցների, և նրանցից մեկը, որին ես առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս կնետեմ բանկից, իրոք ձեռք է տվել լուսանկարներին։ Այո, այստեղ հետաքննող խումբ է եղել։― Ավելացրեց Կ֊ն, որովհետև ֆրոյլայն Բյուրստները հարցական հայացքով նրան էր նայում։
― Ձե՞ր պատճառով։
― Այո։
― Ոչ։― Բացականչեց ֆրոյլայնը և ծիծաղեց։
― Այո։― Համառեց Կ֊ն։― Կարծում եք ես անմե՞ղ եմ։
― Անմե՞ղ․․․ Ես չեմ ուզում հնարավոր ծանր հետևանքներ ունեցող անմիջական վճիռներ հանել, առավել ևս, որ Ձեզ էլ չեմ ճանաչում։ Ախր հանցագործը պետք է ծանր բան կատարած լինի, որ նրա հետևից շտապ կարգով հետաքննչական հանձնաժողով ուղարկեն։ Իսկ որովհետև Դուք ազատ եք․․․ Ձեր հանգիստ շարժուձևերից եմ ենթադրում, որ գոնե բանտից չեք փախել, և կարող եմ ասել, որ ոչ մի հանցանք չեք կատարել։
― Այո, բայց հետաքննչական հանձնաժողովը կարող է ճշտած լինել․ ես անմե՞ղ եմ, թե՞, ինչպես ենթադրվեց՝ ոչ այնքան մեղավոր։
― Իհարկե։― Չափազանց ուշադիր ասաց ֆրոյլայն Բյուրստները։
― Տեսնո՞ւմ եք,― ասաց Կ֊ն։― Դատական գործերում Դուք այնքան էլ փորձ չունեք։
― Իրոք որ չունեմ։ Հաճախ եմ զգացել։ Ես կուզեի ամեն ինչ իմանալ, և հենց դատական գործերն են ինձ անչափ հետաքրքրում։ Դատարանը արմանալի գրավչություն ունի, չէ՞։ Այդ ուղղությամբ ես իմ գիտելիքները կկատարելագործեմ հաստատ, որովհետև հաջորդ ամսից գործի կանցնեմ փաստաբանական բյուրոյի գրասենյակում։
― Հրաշալի է։ Այդ դեպքում դատավարության ժամանակ կկարողանք որոշ չափով օգնել ինձ։
― Հնարավոր է։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Հաճույքով կկիրառեմ իմ գիտելիքները։
― Ես էլ եմ լուրջ ասում։ Կամ, առնվազն Ձեզ նման․ կիսալուրջ։ Փաստաբան հրավիրելու համար գործը շատ աննշան է, սակայն խորհրդատուն ինձ պետք կգա։
― Այո, բայց եթե ես պետք է խորհրդառու լինեմ, ապա պետք է իմանամ, թե բանն ի՞նչ է։
― Ամբողջ բարդույթյունն այն է, որ ես էլ չգիտեմ, թե բանն ինչ է։
― Այսինքն, Դուք ուզում եք ինձ ծաղրած լինել,― չափազանց հիասթափված ասաց ֆրոյլայն Բյուրստները։― Դրա համար բոլորովին կարիք չկար այս ուշ գիշերային ժամն ընտրել։
Նա հեռացավ լուսանկարների մոտից, ուր նրանք այդքան ժամանակ կանգնած էին միասին։
― Բայց ոչ, ֆրոյլայն։ Ես չեմ կատակում։ Չե՞ք ուզում հավատալ ինձ։ Ինչ գիտեի, պատմեցի, և նույնիսկ ավելի շատ, քան գիտեի, որովհետև դա բնավ էլ հետաքննչական հանձնաժողով չէր։ Ես եմ այդպես անվանում, որովհետև համապատասխան ուրիշ ոչ մի անուն չգիտեմ։ Անգամ ոչ մի բան չստուգեցին։ Միայն ձերբակալեցին։ Խումն էր ինձ ձերբակալողը։
― Իսկ ինչպե՞ս։― Ֆրոյլայն Բյուրսնտերը նստել էր թախտին ու շարունակ ծիծաղում էր։
― Սարսափելի։― Ասաց Կ֊ն, բայց այդ պահին նա բոլորովին չէր մտածում կատարվածի մասին․ նրան համակել էր ֆրոյլայն Բյուրստների տեսքը։ Ֆրոյլայնը նստել էր դեմքը մի ձեռքին հենած, արմունկը դրել էր բարձին, մյուս ձեռքով դանդաղ շփում էր ազդրը։
― Շատ է ընդհանուր։
― Ի՞նչն է շատ ընդհանուր,― հարցրեց Կ֊ն, հետո հիշեցկատարվածն ու նորից հարցրեց։― Ցույց տա՞մ, թե ինչպես կատարվեց։― Նա ուզում էր շարժվել, բայց և չէր ուզում հեռանալ։
― Ես հոգնած եմ արդեն։
― Դուք այնքան ուշ եկաք։
― Բանն ավարտվում է նրանով, որ ես նախատինք եմ ստանում, և Դուք իրավացի եք, որովհետև ընդհանրապես չպետք է ներս թողած լինեի Ձեզ։ Ինչպես պարզվեց, կարիք էլ չկար։
― Կար։ Հիմա կտեսնեք,― ասաց Կ֊ն։― Կարելի՞ է Ձեր անկողնի մոտից հետ քաշել այս փոքր սեղանը։
― Ի՞նչ եք մտադիր անել,― առարկեք ֆրոյլայն Բյուրստները։― Իհարկե չի կարելի։
― Այդ դեպքում չեմ կարող ցույց տալ,― հուզված ասաց Կ֊ն, կարծես ֆրոյլայն Բյուրստները անչափ մեծ վնաս էր պատճառել նրան։
― Այո, եթե ցույց տալու համար է պետք, ապա զգուշությամբ քաշեք,― ասաց ֆրոյլայնը և, քիչ անց, ավելի թույլ ձայնով ավելացրեց։― Ես այնքան հոգնած եմ, որ պետք եղածից շատ ավելի եմ թույլ տալիս Ձեզ։
Կ֊ն սեղանը դրեց սենյակի կենտրոնում և նստեց հետևը։
― Դուք պետք է ճիշտ պատկերացում ունենաք գործող անձնաց մասին։ Դա շատ հետաքրքիր է։ Ես վերակացուն եմ, այնտեղ՝ ճամպրուկի վրա, նստած են երկու պահակները, լուսանկաների մոտ երեք երիտասարդներ են կանգնած, պատուհանի բռնակից (իմացեք պարզապես) սպիտակ վերնաշապիկ է կախ ընկած։ Դեհ, այժմ սկսվում է։ Հա, մոռացա ինձ։ Գլխավոր գործող անձը, այսինքն՝ ես, կանգնած եմ այստեղ, սեղանի դիմաց։ Վերակացուն շատ հարմար է տեղավորվել․ ոտքերն իրար վրա գցած, ձեռքն աթոռին։ Նմանը չունեցող մի հաստագլուխ։ Այժմ արդեն, իսկապես, սկսվում է։ Վերակացուն այնպես է բղավում, կարծես ինձ արթնացնել է պետք։ Նա իսկապես բղավում է։ Ես ուզում եմ, որ Դուք հստակ պատկերացնեք և, ցավոք, ստիպված եմ նույնպես բղավել։ Իմիջիայլոց, նա միայն իմ անունը տվեց։
Ծիծաղելով ականջ դնող ֆրոյլայն Բյուրստները ցուցամատը դրեց շուրթերին, ուզեց խանգարել Կ֊ի բղավելուն, սակայն արդեն ուշ էր․ Կ֊ն շատ էր կերպարի մեջ մտել։ Նա դանդաղ բղավեց․
― Յոզեֆ Կ․։
Պետք է ասել, որ նա ոչ այնքան բարձր բաղվեց, ինչպես սկզբում էր սպառնում, և որ կանչը, հանկարծակի արտաբերվելուց հետո միայն, թվաց, թե տարածվում է սենյակում։
Կողքի սենյակի դուռը կտրուկ, ուժգին, մի քանի անգամ թակեցին։ Ֆրոյլայն Բյուրստները գունատվեց, ձեռքը դրեց սրտին։ Այդ տեսնելով, Կ֊ն ավելի վախեցավ, որովհետև նա մի պահ դեռ անկարող էր առավոտվա դեպքերից և աղջկանից բացի՝ ում ներկայացնում էր կատարվածը, ուրիշ բանի մասին մտածել։ Հազիվ ուշքի եկած, նա նետվեց ֆրոյլայն Բյուրստների կողմը և վերցրեց նրա ձեռքը։
― Մի վախեցեք,― շշնջաց նա։― Ես ամեն ինչ կդասավորեմ։ Բայց ո՞վ կարող է լինել։ Այս կողմում, ախր, միայն հյուրասենյակն է, իսկ այնտեղ ոչ ոք չէր քնում։
― Ոչ,― Կ֊ի ականջին շշնջաց ֆրոյլայն Բյուրստները։― Երկվանից այնտեղ մի կապիտան է քնում, ֆրաու Գրուբախի ազգականն է։ Այժմ արդեն ոչ մի ազատ սենյակ չկա։ Ես էլ իմ մոռացել։ Դուք այնպես բղավեցիք։ Ես ինձ շատ վատ եմ զգում։
― Իզուր,― ասաց Կ֊ն, և երբ ֆրոյլայն Բյուրստները նորից խոնարհվեց բարձին, համբուրեց նրա ճակատը։
― Հեռու, հեռու,― ասաց ֆրոյալյն Բյուրստներն ու շտապ ուղղվեց։― Գնացեք, գնացեք, ախր։ Ի՞նչ եք ուզում։ Նա դռան մոտ ականջ է դնում, լսում է ամեն ինչ։ Ինչպե՜ս եք տանջում ինձ։
― Մինչև փոքր֊ինչ չհանգստանաք, ես չեմ հեռանա։ Եկեք սենյակի մյուս անկյունը, այնտեղ նա չի կարող մեզ լսել։― Ֆրոյլայն Բյուրստները թույլ տվեց, որ Կ֊ն իրեն այն կողմ տանի։― Դուք չեք մտածում,― շարունակեց Կ֊ն,― որ խոսքը, թեպետ Ձեզ համար տհաճության մասին է, բայց ոչ վտանգի։ Դուք չգիտեք, թե ֆրաու Գրուբախը (թեև կապիտանը նրա ազգականն է, բայց պանսիոնատում նրան է պատկանում որևէ հարց լուծելու իրավունքը) ինչքան է հարգում ինձ, և ինչ ասում եմ, հավատում է։ Դրանից բացի, նա ինձնից նաև կախում ունի․ մի մեծ գումար է պարտք։ Եթե համաձայն եք, ապա մեր մեկտեղ լինելու համար բացատրություն պահանջող նրա ամեն մի հարցի պատասխանը ինձ վրա եմ վերցնում և երաշխավորում եմ ֆրաու Գրուբախին այն աստիճանի հասցնել, որ բացատրությանը, ոչ մի հասարակության մեջ, այլև իրականում, անկեղծորեն հավատա։ Միաժամանակ Դուք ոչ մի հարցում չպետք է խնայեք ինձ։ Ուզո՞ւմ եք, ասեք, թե հարձակվել եմ Ձեզ վրա։ Ֆրաու Գրուբախը, այդպես տեղեկացված լինելով հանդերձ, կհավատա, առանց իմ հանդեպ հավատը կորցնելու։ Այդքան որ կախում ունի ինձնից։
Ֆրոյլայն Բյուրստները լուռը և մի փոքր կծկված կանգնել, նայում էր դիմացը՝ հատակին։
― Ինչո՞ւ չպետք է ֆրաու Գրուբախը հավատա, որ հարձակվել եմ Ձեզ վրա,― ավելացրեց Կ֊ն։ Նա միայն ֆրոյլայն Բյուրստների մազերն էր տեսնում, երկու մասի բաժանված, փոքր ինչ գզգզված, ամուր կապված կարմրավուն մազերը։ Կ֊ն կարծում էր, թե ֆրոյալյնը հայացքն իր կողմը կդարձնի, սակայն նա՝ առանց դիրքը փոխելու, ասաց․
― Ներեցեք, ես հանկարածկի թակոցից վախեցա, և ոչ թե այն հետևանքից, որ կարող է բերել կապիտանի ներկայությունը։ Այնպես լուռ էր Ձեր բղավոցից հետո, և հանկարծ բախեցին։ Դա էր իմ այդպես վախենալու պատճառը։ Ես դռան կողքին էր կանգնած, համարյա իմ կողքին բախեցին։ Ձեր առաջարկների համար շնորհակալ եմ, սակայն չեմ ընդունում։ Այն ամենի համար, ինչ կատարվում է իմ սենյակում, կարող եմ անձամբ պատասխան տալ, թեկուզ ում էլ որ հարկավոր լինի։ Ես զարմանում եմ․ ինչպե՞ս չեք նկատում, թե լավ մտադրությունների հետ մեկտեղ՝ որոնք, իհարկե, ես ընդունում եմ, ինձ ուղղված ինչպիսի վիրավորանք կա Ձեր խոսքերում։ Սակայն գնացեք այժմ, մենակ թողեք ինձ։ Այս րոպեին դա ինձ ավելի անհրաժեշտ է, քան քիչ առաջ։ Մի քանի րոպեն, ինչի համար խնդրեցիք, արդեն կես ժամ է դարձել և ավելի շատ։
― Բայց Դուք չե՞ք զայրանում ինձ վրա։― Կ֊ն բռնեց նրա ձեռքը, հետո՝ դաստակը։
― Ո՛չ, ո՛չ,― պատասխանեց ֆրոյլայնը և կողքի տարավ ձեռքը։― Ես երբեք և ոչ ոքի վրա չեմ զայրանում։
Կ֊ն կրկին ձեռքն առավ նրա դաստակը։ Ֆրոյլայն Բյուրստները համակերպվեց և այդպես Կ֊ին տարավ մինչև դուռը։ Կ֊ն հաստատ որոշել էր հեռանալ, սակայն դռան մոտ վարանեց մի պահ՝ կարծես չէր սպասում, թե այստեղ դուռ կտեսներ, իսկ ֆրոյլայն Բյուրստները ակնթարթն օգտագործեց ձեռքն ազատելու, դուռը բացելու, նախասենյակ դուրս սահելու և այնտեղից մեղմ ասելու համար․
― Դե եկեք, խնդրում եմ։ Տեսնո՞ւմ եք։― Նա ցույց տվեց կապիտանի դուռը, որի տակից լույս էր թափանցում։― Նա վառել է լույսը և մեր մասին է խոսում։
― Գալիս եմ,― ասաց Կ֊ն, առաջ վազեց, բռնեց նրան և վերջապես աղբյուր գտած, ջրի ձգողական ուժին հնազանդ, ծարաված գազանի նման համբուրեց նրա շուրթերը, հետո ամբողջ դեմքը, վերջում՝ պարանոցը և կոկորդի մոտ երկար պահեց շուրթերը։ Կապիտանի սենյակի աղմուկը ստիպեց նրան վեր նայել։
― Հիմա կգնամ,― ասաց նա և ուզեց ֆրոյլայն Բյուրստների անունը տալ, բայց չգիտեր այն։ Ֆրոյլայն Բյուրստները հոգնած գլխով արեց, կիսով չափ շրջված՝ համբույրի համար ձեռքը թողեց Կ֊ի ափի մեջ, այնպես, կարծես տեղյակ էլ չէր դրա գոյության մասին, և կռացած գնաց իր սենյակը։
Քիչ հետո Կ֊ն անկողին մտավ։ Նա շուտ քնեց, քնելուց առաջ դեռ մտածում էր իր արարքի մասին․ գոհ էր իրենից և զարմացավ, սակայն, որ էլ ավելի գոհ չէր։ Կապիտանի պատճառով նա լրջորեն մտահոգվեց ֆրոյլայն Բյուրստների մասին։
Առաջին հետաքննությունը
Կ֊ին հեռախոսով տեղյակ պահեցին, որ հաջորդ կիրակի օրը նար գործով նախնական կարճատև քննություն է տեղի ունենալու։ Նրա ուշադրությունը հարվիրեցին այն բանի վրա, որ նախնական քննություններըը եթե ոչ ամեն շաբաթ, ապա, թերևս, ավելի հաճախ, կանոնավոր կերպով իրար կհաջորդեն։ Դատավարությունը արագ վերջացնելը ձեռնտու է բոլորին, մյուս կողմից, սակայն, նախնական քննությունները պետք է բոլոր տեսանկյուններից հիմնովին լինեն, և երբեք չպետք է դրանցով պայմանավորված ջանքերը պատճառ դառնան դատավարության շատ երկար տևելուն։ Այդ իսկ պատճառով դատական մարմինները հանգել են այն եզրակացությանը, որ ելքը շուտ֊շուտ իրար հաջորդող, բայց կարճատև քննություններն են։ Դրա համար կիրակի օրն են ընտրել, որ Կ֊ի հիմնական գործին չխանգարեն։ Նախօրոք ենթադրել են, որ նա ևս կհամաձայնի։ Եթե հանկարծ Կ֊ն ուրիշ օր ցանկանա, ապա հնարավորին չափ կընդառաջեն նրան։ Քննություններն, օրինակ, հնարավոր է նաև գիշերներն անցկացնել, բայց այդ ժամերին Կ֊ն երևի բավական առույգ չլինի։ Համենայնդեպս, քանի դեռ Կ֊ն չի առարկում, դրանք տեղի կունենան կիրակի օրերին, ինքնին հասկանալի է, որ նա անպայման պետք է ներկայանա, այդ բանը նրան, ինչ խոսք, կարիք չկա հիշեցնել։ Հայտնեցին տան համարը, ուր նախնական քննություն էր կայանալու․ այն գտնվում էր հեռու, արվարձանային փողոցում։ Այդ կողմերում Կ֊ն դեռ չէր եղել։
Տեղեկությունն իմանալուց հետո Կ֊ն առանց պատասխանելու կախեց խոսափողը։ Նա անմիջապես վճռեց կիրակի օրը գնալ։ Գնալ, իհարկե, պետք էր։ Դատավարությունն ընթացք էր առնում, ինքը պետք է դեմն առներ․ այս առաջին քննությունը միաժամանակ նաև վերջինը կդառնար։ Կ֊ն դեռ մտախոհ կանգնած էր հեռախոսի մոտ, երբ թիկունքում լսեց տնօրենի տեղակալի ձայնը․ նա զանգել էր ուզում, մինչդեռ Կ֊ն փակել էր ճանապարհը։
― Վա՞տ լուրեր են։― Ոչ թե ինչ֊որ բան իմանալու, այլ հեռախոսի մոտ տեղն ազատելու համար հենց այնպես հարցրեց տնօրենի տեղակալը։
― Ոչ, ոչ։― Կ֊ն զիջեց տեղը, բայց չհեռացավ։
Տնօրենի տեղակալը վերցրեց խոսափողը և, մինչ սպասում էր, որ կմիացնեն, խոսափողի վրայով դիմեց Կ֊ին։
― Մի հարց, պարոն Կ․։ Չէի՞ք ցանկանա կիրակի առավոտյան առագաստանավով համատեղ զբոսանքի հաճույքը պատճառել ինձ։ Ավելի մեծ հասարակություն է հավաքվելու, նրանց մեջ, իհարկե, նաև Ձեր ծանոթները կլինեն։ Ի դեպ, դատախազ Հաստերերը՝ նույնպես։ Կգա՞ք։ Ուրախ կլինենք Ձեր ներկայությունը։
Կ֊ն փորձեց ուշադրություն դարձնել տնօրենի տեղակալի խոսքերին։ Նրա համար այնքան էլ անկարևոր չէր հրավերը, որովհետև տնօրենի տեղակալի հետ նա երբեք հաշտ չէր եղել։ Այս հրավերը նրա կողմից հաշտվելու փորձ էր, ցույց էր տալիս, թե որքան կարևոր դեմք է դարձել Կ֊ն, և բանկի երկրորդ խոշոր պաշտոնյան որքան արժեքավոր է համարում նրա բարեկամությունը կամ, առնվազն, անկողմնակալությունը։ Թեկուզև հեռախոսային զրույցին սպասելու ժամանակ, խոսափողի վրայով ասված, այս հրավերն, այնուամենայնիվ, տնօրենի տեղակալի նվաստացումն էր, իսկ Կ֊ն ստիպված էր երկրորդ նվաստացումը հասցնել նրան։
― Շատ շնորհակալություն,― ասաց նա,― բայց, ցավոք, կիրակի օրը ժամանակ չունեմ, մի առիթով արդեն խոստացել եմ։
― Ափսոս,― ասաց տնօրենի տեղակալը և անդրադարձավ այդ պահին միացված հեռախոսազրույցին։ Կարճ խոսակցություն չէր, մինչդեռ Կ֊ն իր ցրվածությամբ ամբողջ ժամանակ մնաց ապարատի մոտ կանգնած։ Միայն, երբ տնօրենի տեղակալը վերջացրեց, նա վախեցավ և, իր այդտեղ իզուր կանգնելը ներելի դարձնելու համար, ասաց․
― Նոր զանգահարեցին և ասացին, որ ինչ֊որ տեղ գնամ, բայց մոռացան ժամը հայտնել։
― Մի անգամ ևս զանգեք, հարցրեք։― Առաջարկեց տնօրենի տեղակալը։
― Այնքան էլ կարևոր չէ։― Ասաց Կ֊ն, թեև դրանով նրա՝ քիչ առաջ հայտնած, իր նշանակությամբ արդեն անբավարար ներողությունն ավելի արժեզրկվեց։
Նրանք միասին հեռացան ապարատի մոտից, տնօրենի տեղակալը հեռանալու ժամանակ տարբեր բաների մասին էր խոսում։ Կ֊ն ինքնիրեն ստիպում էր պատասխանել, սակայն մեծ մասամբ մտածում էր, որ ավելի լավ կլինի, եթե կիրակի օրը ժամը իննին գնա, քանի որ աշխատանքային օրերին դատարաններն այդ ժամին են սկսում իրենց աշխատանքը։
Կիրակի օրը եղանակը մռայլ էր, Կ֊ն շատ էր հոգնած․ մշտական սեղանակիցների հետ կերուխումի պատճառով մինչև ուշ գիշեր հյուրանոցում էր եղել և քիչ էր մնացել, որ քնով անցներ։ Անելիքների մասին լավ մտածելու, շաբաթվա ընթացքում կազմած ծրագրերը դասավորելու ժամանակ անգամ չկար։ Նա շտապ հագնվեց և առանց նախաճաշելու վազեց նշված արվարձանը։ Զարմանալին այն էր, որ թեև շուրջը նայելու քիչ ժամանակ ուներ, այնուամենայնիվ հանդիպեց իր գործին մասնակից երեք ծառայողներին՝ Ռաբենշտայներին, Կուլլիխին և Կամիներին։ Առաջին երկուսը էլեկտրաքարշի մեջ նստած հատեցին֊անցան Կ֊ի ճանապարհը, իսկ Կամիները նստել էր սրճարաններից մեկի դարատափում, և, պահը, երբ Կ֊ն անցավ, հետաքրքրված թեքվեց բազրիքի վրա։ Նրանք բոլորն էլ, հավանաբար, նայեցին իր հետևից և զարմացան, թե ինչպես էր վազում իրենց վերադասը։ Անհասկանալի մի կամակորություն Կ֊ին հետ պահեց մեքենա նստելուց։ Ամեն մի, թեկուզ աննշան, օտար օգնությունից նա զզվանք էր զգում, միաժամանակ չէր ուզում որևէ մեկին զբաղեցրած լինել և դրանով, հենց թեկուզ նվազագույնս, հաղորդակից դարձնել գործին։ Դրանից բացի բոլորովին ցանկություն չուներ չափից դուրս մեծ ճշտապահությամբ նվաստանալ քննչական հանձնաժողովի մոտ։ Ու թեև ներկայանալու ստույգ ժամը նշված չէր, այժմ նա միայն վազում էր, որ հնարավորության դեպքում ժամը իննին լիներ տեղում։ Նա կարծում էր, թե դեռ հեռվից որևէ առանձհանատուկ նշանի (հստակ չէր պատկերացնում, թե ինչ) կամ մուտքի մոտ խռնված բազմության շնորհիվ կճանաչի այդ տունը։ Սակայն Հուլիուսշտրասեն, ուր պետք է գտնվելիս լիներ տունը, և որի ծայրին Կ֊ն մի պահ կանգ առավ, երկու կողմերից համարյա միատեսակ, բարձր, գորշ, աղքատ մարդկանցով բնակեցված, վարձու տրվող տներով լի փողոց էր։ Այժմ՝ կիրակի առավոտյան, պատուհանների մեծ մասը զբաղեցված էր․ տղամարդիկ շապկանց կախվել էին դուրս, ծխում էին կամ փոքր երեխաներին էին զգույշ ու քնքշորեն պահել պատուհանների գոգերին։ Մնացած պատուհանները ծածկված էին սավաններով, նրանցից մեկի վերևից երևում էր մի կնոջ մազախռիվ գլուծը։ Նրբանցքի երկու կողմերից մարդիկ իրար ձայն էին տալիս, այդ կանչերը ազդում էին Կ֊ի վրա՝ բարձր ճիչ ու ծիծաղ էին թվում։ Երկար փողոցում կանոնավոր հեռավորությամբ շարված էին փոքր, նկուղային խանութները, որտեղից մթերք գնել կարելի էր միայն մի քանի աստիճան իջնելուց և ներս մտնելուց հետո։ Կանայք ներսուդուրս էին անում կամ մայթերին կանգնած զրուցում էին։ Մի մրգավաճառ, որ պատուհաններից դուրս կախվածներին իր ապրանքն էր առաջարկում, քիչ էր մնում սայլակով գետին գլորեր իրենից ոչ պակաս անուշադիր կանգնած Կ֊ին։ Պատուհաններից մեկից լսվում էր քաղաքի բարեկեցիկ արվարձաններում ձեռք բերված գրամոֆոնի ջղեր քայքայող նվագը։
Կ֊ն դանդաղ խորացավ նրբանցքի մեջ։ Կարծես այժմ արդեն ժամանակ ուներ կամ քննիչը պատուհաններից մեկից տեսնում էր իրեն և տեղյակ էր ուրեմն, որ ինքը ճիշտ ժամանակին է եկել։ Ժամը իննից մի քանի րոպե էր անցել։ Նշված տունը բավական հեռու էր ընկած և անսովոր կերպով ձգված էր․ հատկապես մուտքի դարպասն էր բարձր, լայն։ Դարպասը հաստատ նախատեսված էր ապրանքային տարբեր խանութների պատկանող, գործատների վերտառությունը կրող (դրանցից մի քանիսին Կ֊ն բանկից էր ծանոթ) բեռնատար սայլերի համար, որոնք խցանել էին ընդարձակ բակը։ Հակառակ իր սովորության, այդ ամեն անկարևոր բաներով տարված, նա մի պահ մնաց մուտքի մոտ կանգնած։ Նրանցից քիչ հեռու, արկղի վրա ոտաբոբիկ մի մարդ էր նստած և թերթ էր կարդում։ Ձեռնասայլակի վրա երկու տղա էին ճոճվում, ջրի պոմպի մոտ, գիշերազգեստը հագին, մի վտիտ աղջիկ էր կանգնել և, մինչև ջուրը նրա ամանն էր լցվում, նայում էր Կ֊ին։
Բակի անկյունում երկու պատուհանների միջև պարան էր ձգված, վրան՝ կախված լվացք։ Ներքևում կանգնած մարդը երբեմն֊երբեմն ձայն տալով ղեկավարում էր աշխատանքը։ Քննչական սենյակը գտնելու համար Կ֊ն շրջվեց աստիճանի կողմը, սակայն նորից կանգնեց լուռ, որովհետև այդ աստիճանից բացի բակ դուրս եկող երեք տարբեր մուտքեր տեսավ, բացի այդ, թվաց, թե բակի խորքում գտնվող անցումը երկրորդ բակն է տանում։ Նա զայրացավ, որ սենյակի դիրքը ճշգրիտ չեն նկարագրել (զարմանալի անտարբերությամբ կամ անփութությամբ էին վարվել իր հետ), մտադրվեց աղմուկ բարձրացնել և հստակություն մտցնել այդ հարցում։ Ի վերջո նա բարձրացավ աստիճանն ի վեր և հիշեց պահակ Վիլլեմի խոսքը․ հանցանքն է դատարան առաջնորդում։ Հետևաբար, քննչական սենյակը պետք է պատահաբար ընտրված աստիճանների մոտ լիներ։ Վեր բարձրանալիս նա խանգարում էր ասիտճանների վրա խաղացող երեխաներին, որոնց չարացած էին նայում, երբ Կ֊ն անցնում էր իրենց արանքով։
«Հաջորդ անգամ գալուց շաքարի մի ամբողջ գործարան կվերցնեմ հետս, որ սիրաշահեմ սրանց, կամ էլ՝ ձողափայտ, որ քշեմ»,― մտածեց նա։
Երկրորդ հարկի հարկի մոտ կանգնած, նա ստիպված էր մի փոքր սպասել նույնիսկ, մինչև հոլը դադարեց պտտվել, իսկ այդ ընթացքում թափառաշրջիկի աղավաղված դեմքով երկու տղաներ բռնել էին նրա շալվարից։ Եթե ուզում էր ազատվել նրանցից, պետք է թափ տար ոտքերը, բայց այդպես ցավ կպատճառեր նրանց, մինչդեռ վախենում էր աղմուկ բարձրացնելուց։
Անմիջապես երկրորդ հարկից սկսվեց իսկական փնտրտուքը։ Որովհետև չէր կարող հարցնել քննչական հանձնաժողովի մասին, ոմն մի կահույքագործի Լանցի ազգանուն հնարեց։ Անունը միտն ընկավ, քանի որ ֆրաու Գրուբախի ազգական կապիտանը նույնպես Լանց ազգանունն էր կրում։ Այժմ Կ֊ն ուզում էր բոլոր բնակարաններում հարցնել՝ արդյոք այստե՞ղ է ապրում կահույքագործ Լանցը․ այդ կերպ սենյակների ներսը նայելու հնարավորություն կստանար։ Սակայն պարզվեց, որ ներս նայելը հնարավոր է առանց այլևայլի, որովհետև համարյա բոլոր դռները բաց էին, երեխաները ներսուդուրս էին վազվզում։ Որպես կանոն, դրանք փոքր, մի պատուհան ունեցող սենյակներ էին, որ միաժամանակ խոհանոցի դեր էին կատարում․ մի քանի կանայք ծծկեր երեխաները գրկներին, ազատ ձեռքերով բզբզում էին օջախների մոտ։ Իրենց մերկությունը հավանաբար միայն գոգնոցով ծածկած աղջնակներին ավելի ջանասիրաբար էին այսուայնկողմ վազվզում։ Բոլոր սենյակներում մահճակալներին պառկած մարդիկ կային․ դրանք կամ հիվանդներ էին, կամ քնած էին, կամ հագուստով էին մեկնվել մահճակալներին։ Կ֊ն թակում էր փակ բնակարանների դռները և հարցնում․ արդյոք այստեղ ոմն կահույքագործ Լանց բնակվո՞ւմ է, թե՞ ոչ։ Դուռը բացողները մեծ մասամբ կանայք էին․ լսում էին հարցը, շուռ էին գալիս սենյակի կողմը և անկողնուց դուրս ցցված որևէ մեկին հարցնում․
― Պարոնը ուզում է իմանալ՝ այստեղ Լանց ազգանունով մարդ ապրո՞ւմ է։
― Լա՞նց,― հարցնում էին ներսից։
― Այո,― ասում էր Կ֊ն, թեև իր գործն այս բնակարանում արդեն ավարտված էր․ երևում էր, որ քննչական հանձնաժողովը այստեղ չէր նստում։
Շատերը մտածում էին, թե Կ֊ի համար շատ կարևոր է կահույքագործ Լանցին գտնելը, երկար մտածում էին, որևէ կահույքագործի մասին էին ասում, որի ազգանունը Լանց չէր կամ Լանց ազգանվան հետ մոտավոր նմանություն ուներ, հարևաններին էին հարցնում, ներս ընկած դռան կողմն էին ուղեկցում Կ֊ին, ուր, նրանց կարծիքով, պետք է որ ենթավարձակալությամբ ապրող նման մի մարդ լիներ կամ մեկը կար, որ կարող էր իրենցից ավելի լավ տեղեկություն տալ։ Ի վերջո, արդեն համարյա թե նա չէր հարցնում, այլ այդպես հարկից հարկ էր ուղեկցվում։ Կ֊ն զղջաց առաջին հայացքից կիրառելի թվացող ծրագրի համար։ Վեցերորդ հարկ բարձրանալուց առաջ նա վճռեց դադարեցնել որոնումները, հրաժեշտ տվեց ուղեկցելու պատրաստ, բարեկամաբար տրամադրված բանվորին ու ներքը իջավ։ Հետո ողջ ձեռնարկման անօգուտ լինելը կրկին ջղայնացրեց նրան, նա հետ դարձավ ու բախեց վեցերորդ հարկի առաջին դուռը։ Առաջին բանը, որ նա տեսավ այդ փոքրիկ սենյակում, պատի մեծ ժամացույցն էր․ սլաքները ժամը տասն էին ցույց տալիս։
― Լանց ազգանունով կահույքագործ ապրո՞ւմ է այստեղ։
― Խնդրեմ։― Ժպտացող սև աչքերով ջահել կինը, որ տաշտի մեջ երեխայի սպիտակեղենն էր լվանում, թաց ձեռքով ցույց տվեց կողքի սենյակի բաց դուռը։
Կ֊ն մտածեց, թե ներսում ժողով է։ Տարբեր մարդկանց հրմշտոցը լցրել էր երկու պատուհան ունեցող միջին մեծության սենյակը, որն անմիջապես առաստաղի տակ գտնվող վերնասրահով էր օղակված, և որը նույնպես լեփլեցուն էր մարդկանցով․ այնտեղ մարդիկ միայն կռացած էին կարող կանգնել, նրանց գլուխներն ու մեջքերը դիպչում էին առաստաղին։ Ոչ ոք հոգ չտարավ ներս մտնողի մասին։
― Ես կահույքագործ Լանցի մասին հարցրեցի։― Սենյակի օդը շատ ծանր էր Կ֊ի համար, և նա, դուրս գալով, նորից դիմեց երիտասարդ կնոջը, որ հավանաբար սխալ էր հասկացել իրեն։
― Այո։ Ներս գնացեք, խնդրեմ։
Կ֊ն երևի չհետևեր հրավերին, եթե կինը չմոտենար, բռնակը չառներ ձեռքն ու չասեր․
― Ձեր հետևից պետք է փակեմ դուռը։ Այլևս ոչ մեկին չի կարելի ներս մտնել։
― Խելացի է ասված, բայց հիմա էլ ներսում չափից դուրս շատ մարդ կա,― ասաց Կ֊ն ու, այնուամենայնիվ, ներս մտավ։
Կիպ դռան մոտ կանգնած երկու մարդկանց արանքից (նրանցից մեկը խիստ առաջ պարզած ձեռքերով փող համրելու շարժումներ էր անում, մյուսը սուր հայացքով նայում էր նրա աչքերին) մի ձեռք ձգվեց Կ֊ի կողմը․ փոքրամարմին, կարմիր այտերով պատանի էր։
― Եկեք, եկեք,― ասաց նա։
Կ֊ն թողեց, որ նա ուղեկցի։ Պարզվեց, որ այդ վխտացող մարդկանց հրմշտոցի մեջ մի բարակ ճանապարհ կար, որը կարծես երկու խմբի էր բաժանում կանգնածներին։ Այդ եզրակացության օգտին էր խոսում նաև այն, որ Կ֊ն աջ ու ձախ կողմերի առաջին մի քանի շարքերում հազիվ թե դեմքով իր կողմը շրջված մարդ տեսավ․ միայն մեջքերն էին երևում, և նրանց խոսքերն ու շարժումները սոսկ իրենց խմբակցության մարդկանց էին ուղղված։ Նրանց մեծ մասը սև հագուստով էր․ տոն օրերի համար նախատեսված, հնաոճ, երկար ու արձակ զգեստներ էին։ Միայն դրանք էին շփոթեցնում Կ֊ին, թե չէ այս ամբողջը նա շրջանի քաղաքական ժողով կհամարեր։
Սրահի մյուս ծայրում, դեպի ուր Կ֊ին ուղեկցեց պատանին, շատ ցածր, մարդկանցով ճիշտ նույն ձևով ծանրաբեռնված պատվանդանի վրա փոքր սեղան էր դրված լայնքով, սեղանի հետևում՝ պատվանդանի եզրին, կարճ, գեր, ֆնչացնելով շնչող մարդ էր նստած և թիկունքում կանգնածի հետ բարձրաձայն ծիծաղելով զրուցում էր։ Կանգնած մարդը արմունկով հենվել էր բազկաթոռի թիկնակին և խաչել էր ոտքերը։ Նստած պաշտանյան երբեմն ձեռքը բեր էր նետում, կարծես ինչ֊որ մեկի ծաղրապատկերն էր ներկայացնում։ Կ֊ին ուղեկցող պատանին ձգտում էր զեկուցել։ Երկու անգամ, ոտնաթաթերի վրա ձգվելով, նա փորձեց մի բան ասել, սակայն վերևում նստածը այս կողմ չէր նայում։ Միայն, երբ պատվանդանին կանգնածներից մեկը պաշտոնյանի ուշադրությունը հրավիրեց պատանու վրա, մարդը շուռ եկավ ու ներքև կռացած՝ լսեց ցածրաձայն զեկույցը, հետո հանեց ժամացույցը և արագ հայացք նետեց Կ֊ի կողմը։
― Դուք պետք է մի ժամ հինգ րոպե առաջ լինեիք,― ասաց նա։
Կ֊ն փորձեց պատասխանել, բայց ժամանակ չունեցավ, որովհետև հազիվ էր մարդը վերջացրել խոսքը, դահլիճի աջ մասում ընդհանուր մռռոց բարձրացավ։
― Դուք պետք է մի ժամ հինգ րոպե առաջ եկած լինեիք։― Այժմ արդեն ավելի բարձր ձայնով ասաց պաշտոնյան և արագ նայեց ներքև՝ դահլիճին։ Մռռոցն անմիջապես ուժեղացավ ու, քանի որ մարդն այլևս ոչինչ չասաց, աստիճանաբար մարեց։ Այժմ դահլիճում ավելի լուռ էր, քան Կ֊ի ներս գալու ժամանակ։ Միայն վերնասրահում հավաքվածները չդադարեցրին իրենց նկատողությունները։ Նրանք, որքանով որ կիսախավարի, ծուխ ու փոշում մեջ հնարավոր էր որևէ բան տարբերել, ավելի վատ էին հագնված, քան ներքևինները։ Մի քանիսը հետները բարձեր էին բերել և, գլուխները ցավագնորեն չխփելու համար, դրել էին ատաստաղի ու գլուխների արանքում։
Կ֊ն որոշել էր ավելի շատ զննել, քան խոսել, այդ իսկ պատճառով հրաժարվեց իր կարծեցյալ ուշացման համար արդարացնող փաստարկներ բերել։
― Նույնիսկ, եթե շատ ուշացած լինեմ, արդեն այստեղ եմ։― Միայն ասաց նա։ Խոսքին ծափահարություն հաջորդեց․ նորից աջ կողմից։
«Հեշտ սիրաշահվող մարդիկ են»,― մտածեց Կ֊ն և սթափվեց միայն թիկունքում գտնվող ձախակողմյան հատվածի լռությունից։ Այնեղից մի քանի անջատ֊անջատ ծափահարություններ լսվեցին։ Նա մտածեց, թե ինչ կարող էր ասել, որ միանգամից բոլորին կամ, եթե դա հնարավոր չլիներ, գոնե կարճ ժամանակով մյուսներին ևս իր կողմը գրավեր։
― Այո,― ասաց մարդը,― բայց ես այլև պարտավոր չեմ քննել Ձեզ։― Կրկին մռռոց լսվեց, այս անգամ արդեն սխալ հասկացված, որովհետև նստած պաշտոնյան, ձեռքի շարժումով մարդկանց լռեցնելով, շարունակեց։― Ես այսօր բացառության կարգով կքննեմ Ձեզ, բայց նման ուշացում այլևս չպետք է կրկնվի։ Առաջ եկեք։
Վերևում կանգնածներից մեկը ներքև թռավ, այնպես որ Կ֊ի համար տեղ ազատվեց։ Նա վեր բարձրացավ ու կանգնեց սեղանին կիպ սեղմված։ Նրա թիկունքում այնպիսի սարսափելի հրմշտոց էր, որ եթե չէր ուզում սեղանը, ինչպես նաև քննիչին, ներքև գլորել, պետք է դիմադրեր։ Քննիչը, սակայն, այդ մասին չէր մտահոգվում, այլ իրոք հարմար նստել էր բազկաթոռին և, թիկունքում կանգնած մարդուն խոսակցությունը եզրափակող մի քանի բառ ասելուց հետո, ձեռքը մեկնեց նշումների փոքր գրքին, որ միակ իրն էր սեղանի վրա։ Հին, շատ թերթելուց տեսքից ընկած, տետրանման գիրք էր։
― Ուրեմն,― քննիչը թերթեց տետրն ու այնպիսի տոնով ասաց, որ կարծես հաստատելիս լիներ,― Դուք ներկարար եք։
― Ոչ, այլ մի խոշոր բանկի առաջին հավատարմատարը։― Այս պատասխանից աջակողմյան խմբակցությունում այնպիսի ծիծաղ բարձրացավ, որ Կ֊ն էլ նրանց միացավ։ Մարդիկ ձեռքերը հենել էին ծնկներին ու ցնցվում էին, կարծես հազալիս լինեին։ Նույնիսկ վերնասրահում էին առանձին մարդիկ ծիծաղում։ Վերջնականապես զայրացած քննիչը, որ հավանաբար անզոր էր ներքևում նստածների դեմ, փորձեց փոխարենը վերնասրահին հատուցել․ վեր թռավ տեղից, սպառնաց, և նրա սովորաբար ոչ այնքան աչքի զարնող սև, խիտ հոնքերը գզգզված իրար եկան աչքերի վերևում։
Սրահի ձախակողմյան հատվածը շարունակ լուռ էր, մարդիկ այնտեղ շարքերով կանգնած, դեմքերը պատվանդանին դարձրած, նույն անտարբերությամբ ականջ էին դնում վերևում փոխանակվող բառերին ու մյուս խմբացկության աղմուկին։ Նրանք թույլ էին տալիս, որ իրենց միջից առանձին֊առանձին մարդիկ երբեմն խոսեին դիմացի կողմինների հետ։ Ձախ կողմում նստածները, իմիջիայլոց, ավելի սակավաթիվ էին, պետք է որ հիմնականում նաև պակաս կարևոր մադրիկ լինեին, քան աջ կողմում նստածները, սակայն հանգիստ պահվածքը նրանց ավելի նշանակալից տեսք էր տալիս։ Երբ Կ֊ն սկսեց խոսել, համոզված էր, որ իր խոսքը նրանց սրտովն է։
― Պարոն քննիչ, Ձեր հարցը՝ (Դուք չհարցրեցիք, այլ, ավելի շուտ հայտարարեցիք պարզապես) արդյո՞ք ես ներկարար եմ, բնորոշ է իմ դեմ հարուցած ողջ հետաքննությանը։ Կարող եք առարկել, թե սա բնավ հետաքննություն չէ և իրավացի կլինեք, որովհետև սա հետաքննություն կլինի, եթե ես որպես այդպիսի ընդունեմ այն։ Սակայն ես միայն այս պահի համար եմ ընդունում, և դա անում եմ ինչ֊որ տեղ նույնիսկ կարեկցանքից ելնելով։ Այլ կերպ հնարավոր չէ, եթե մարդ դեռ ուզենա ընդհանրապես ուշադրություն դարձնել։ Չէի ասի, թե փնթի հետաքննություն է, սակայն կուզենայի այդ բնորոշումը Ձեզ ինքնաճանաչման համար առաջարկած լինել։
Կ֊ն ընդհատեց իր խոսքը և նայեց ներքև՝ դահլիճին։ Նրա խոսքերը սուր էին, ավելի սուր, քան ինքն էր մտադրվել, բայց և այնպես՝ ճիշտ։ Ասվածը, անշուշտ, ծափահարության արժանի էր, սակայն լռություն էր տիրում, նստածները լարված սպասում էին, թե ի՞նչ է լինելու։ Լռության մեջ երևի թե ժայթքում էր նախապատրաստվում, ժայթքում, որ ամեն ինչին վերջ էր տալու։ Լռությունը խախտեց դահլիճի հակառակ ծայրում բացվող դուռը․ ջահել լվացարարուհին էր, որ հավանաբար վերջացրել էր գործը։ Նա ներս մտավ ու, չնայած շարժումների զգուշավորությանը, մի քանիսի ուշադրությունը իր վրա հրավիրեց։ Միայն քննիչը անմիջական հաճույք պատճառեց Կ֊ին․ թվաց, թե խոսքերից վիրավորվեց իսկույն։ Վերնասրահին լռեցնելու համար նա ոտքի էր կանգնել ու, Կ֊ի խոսքերից անակնկալի եկած, մինչև այս պահը կանգնած ականջ էր դնում, իսկ այժմ՝ լռության մեջ, այնպես դանդաղ նստեց, որ թվաց, թե չի ուզում, որ իր նստելը նկատած լինեին։ Դեմքին հանգիստ արտահայտություն տալու համար նա կրկին դիմացը պահեց գրքույկը։
― Ոչինչ չի օգնի, պարոն քննիչ,― ասաց Կ֊ն։― Ձեր գրքույկն էլ է հաստատում իմ խոսքերը։
Այս անծանոթ հավաքույթում իր հանգիստ ձայնը լսած լինելուց գոհ՝ Կ֊ն համարձակվեց նույնիսկ առանց երկար մտածելու քննիչի ձեռքից վերցնել գրքույկը, մատների ծայրերով մեջտեղի թերթերից բռնած (կարծես վախենում էր գրքույկից) այնպես բարձրացրեց, որ խիտ գրելով ծածկված պիսակավոր, դեղնած թերթերը ներքև կախվեցին։
― Սրանք քննիչի վավերագրեր են,― ասաց նա ու գրքույկը գցեց սեղանին։― Շարունակեք կարդալ, պարոն քննիչ։ Պարտքերի այդ գրքից ես, իրոք, չեմ վախենում, թեև այն ինձ համար անմատչելի է։ Ինչ ուզում է լինի, ես այն երբեք չեմ վերցնի ձեռքս, թերևս կարող եմ միայն երկու մատով բռնել։
Սոսկ խորը վիրավորվածության նշան կարող էր լինել կամ, առնվազն, այդպես պետք է հասկացվեր, երբ գրքույկը սեղանին ընկնելուց հետո քննիչը իսկույն ձեռքն առավ այն, փորձեց մի փոքր կարգի բերել և կարդալու համար նորից պահեց դիմացը։
Առաջին շարքի մարդիկ այնպես էին լարված դեմքներն ուղղել Կ֊ին, որ նա մի պահ նրանց՝ ներքև էր նայում։ Ներքևում նստածները, առանց բացառության, հասակավոր մադրիկ էին, մի քանիսը՝ սպիտակամորուս։ Նրանք երևի ազդեցիկ մարդիկ էին և կարող էին ներազդել քննիչի նվաստացման պատճառով ընդհատված ժողովի ընթացքի վրա․ Կ֊ի խոսքերից հետո ժողովը կարծես փակուղի էր ընկել։
― Ինձ հետ կատարվածը,― առաջվանից ավելի մեղմ ձայնով առաջին շարքում նստածների դեմքերին անընդհատ հետևելով շարունակեց Կ֊ն, և նրա խոսքը դրանից կարծես փոքր֊ինչ կտրատված դարձավ։― Ինձ հետ կատարվածը միայն մասնակի դեպք է և, որպես այդպիսին՝ ոչ այնքան կարևոր, որովհետև ես այնքան էլ ծանր չեմ ընդունում։ Սակայն դա շատերի դեմ կիրառված հետաքննության ձևի բնորոշ գիծն է։ Այդ է իմ խոսելու պատճառը, և ոչ թե իմ գործը։
Նա ակամա բարձրացրել էր ձայնը։ Ինչ֊որ տեղ մեկը բարձրացրած ձեռքերով ծափահարեց ու բղավեց․
― Կեցցե՛ք։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Կեցցե՛ք և կրկի՛ն անգամ կեցցեք։
Առաջին շարքում նստածներից ոմանք բռնեցին մորուքները, ոչ ոք բացականչության կողմը շուռ չեկավ։ Կ֊ն նույնպես ոչ մի նշանակություն չտվեց «կեցցեք» կանչին, սակայն քաջալերված էր․ այդ պահին նրա համար այնքան էլ կարևոր չէր բոլորի ծափահարությունը։ Բավական էր, որ ներկա գտնվողները սկսեին մտածել և որևէ մեկին կարելի լիներ համոզելով իր կողմը գրավել։
― Հռետորական հաջողությունն ինձ պետք չէ։― Իր մտքերի ընթացքից ելնելով ասաց Կ֊ն։― Թող դա ինձ համար անհասանելի լինի, կարևոր չէ։ Պարոն քննիչը, հավանաբար, ինձնից լավ է խոսում։ Դա, ախր, նրա գործն է։ Իմ ուզածը միայն սոցիալական արատի հրապարակային քննարկումն է։ Լսեցեք ինձ։ Մոտ տաս օր առաջ ինձ ձերբակալեցին։ Անձամբ ինձ համար ծիծաղելի է ձերբակալված լինելու փաստը, սակայն այժմ այդ մասին չխոսենք։ Վաղ առավոտյան հարձակվեցին ինձ վրա։ Քննիչի քիչ առաջվա խոսքերից բացառված չէ, որ նրանց հրամայած լինեին ինձնից ոչ պակաս անմեղ մի ներկարարի ձերբակալել, սակայն նրանք ինձ ընտրեցին։ Կողասենյակը երկու գռեհիկ պահակներ էին զբաղեցրել։ Եթե ես վտանգավոր ավազակ լինեի, դժվար թե ավելի խիստ նախազգուշական միջոցներ ձեռք առնված լինեին։ Դրանից բացի, նրանք վառ դրսևորված ապիկարներ էին։ Նրանք գլուխս տարան իրենց բարբաջանքով, ուզում էին, որ կաշառեի իրենց, սպիտակեղենս ու զգեստներս էին ուզում խաբկանքով կորզել, փող էին ուզում, որ իբր թե նախաճաշ բերեն ինձ համար՝ այն բանից հետո, երբ իմ սեփական նախաճաշը առանց ամաչելու կերան իմ աչքի առաջ։ Եվ ավելին, ինձ վերակացուի մոտ՝ երկրորդ սենյակ տարան։ Այդ սենյակում ի օրիորդ է ապրում, որին ես շատ եմ գնահատում, և պետք է տեսնեի, թե ինչպես է այդ սենյակը իմ պատճառով, բայց ո՛չ իմ մեղքով, պահակների ու վերակացուի այնտեղ գտնվելու փաստով ապականվում։ Հանգիստ մնալը հեշտ չէր, սակայն ես տիրապետեցի ինձ և անխռով տոնով հարցրեցի, թե ի՞նչն է իմ ձերբակալման պատճառը։ Եթե վերակացուն այստեղ լիներ, կհաստատեր այս խոսքերը։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխանեց նա․ մինչև հիմա կարծես տեսնում եմ նրան իմ դիմաց․ նստել էր օրիորդի բազկաթոռին՝ որպես բթամիտ գոռոզության մարմնացում։ Պարոնայք, ընդհանրապես վերցրած՝ նա ոչինչ չպատասխանեց։ Գուցեև նա իրո՞ք ոչինչ չգիտեր․ ձերբակալել էր ինձ ու գոհ էր դրանից։ Նա նույնիսկ մի ավելորդ բան էր արել․ մեր բանկի երեք ցածր պաշտոնյաների էր բերել օրիորդի սենյակը, և նրանք զբաղված էին օրիորդի լուսանկարներին՝ նրա սեփականությանը ձեռք տալով ու իրար խառնելով։ Այդ պաշտոնյաների ներկայությունը, իհարկե, նաև ուրիշ նպատակ էր հետապնդում։ Նրանք, ինչպես նաև իմ բնակարանատիրուհին և նրա աղախինը, պետք է տարածեին ձերբակալության լուրը, վնաս պատճառեին իմ հասարակական դիրքին և իմ դիրքը թուլացնեին հատկապես բանկում։ Դրանից ոչինչ չստացվեց, նույնիսկ նվազագույնս չստացվեց։ Իմ բնակարանատիրուհին՝ մի պարզ անձնավորություն (ես այստեղ ուզում եմ նրա նունը հարգանքով տալ, ֆրաու Գրուբախ է նրա անունը), անգամ ֆրաու Գրուբախը բավական խելացի դուրս եկավ հասկանալու համար, որ նման մի ձերբակալությունը ուրիշ ոչինչ չի նշանակում, քան հարված, որ փողոցի ոչ բավական լավ դաստիարակված տղաներն են կարող հասցնել։ Կրկնում եմ, այս ամենը ինձ միայն տհաճություն պատճառեց և ժամանակավոր զայրույթ, բայց արդյո՞ք չէր կարող ավելի վատ հետևանքներ ունենալ։
Երբ Կ֊ն խոսքն ընդհատեց ու նայեց լուռ նստած քննիչին, նրան թվաց, թե քննիչը ամբոխի մեջ նստած մեկին հայացքով նշան արեց։ Կ֊ն ժպտաց։
― Հենց այս պահին պարոն քննիչը իմ ներկայությամբ իր մարդեկանցից մեկին գաղտնի նշան է անում։ Ուրեմն նրանց մեջ մարդիկ կան, որ այստեղից նշաններով են կառավարվում։ Չգիտեմ, արդյոք այդ նշանը սուլո՞ց, թե՞ ծափահարություն է կորզելու, սակայն, գիտակցելով հանդերձ, որ նախօրոք կանխորոշում եմ իմ գործի ընթացքը, հրաժարվում եմ իմանալ նշանի իմաստը։ Ինձ համար միևնույնն է, և ես պարոն քննիչին բացահայտ լիազորում եմ․ ներքևի վարձկան պաշտոնյաներին նշան անելու տեղակ պարզորոշ հրամայեք․ «Այժմ շվացրեք կամ՝ ծափահարեք»։
Քննիչը՝ շփոթված թե անհամբեր, այսուայնկողմ շարժվեց բազկաթոռի մեջ։ Թիկունքում կանգնած մարդը, որի հետ սա զրուցում էր սկզբում, կրկին խոնարհվեց, կարծես ուզում էր արիություն ներշնչել նրան կամ կարևոր խորհուրդ տալ։ Մարդիկ ներքևում աշխույժ, սակայն ցածրաձայն, զրուցում էին։ Երկու խմբակցությունները, որ քիչ առաջ թվում էր, թե հակառակ տեսակետներ ունեն, համախմբվեցին, հատուկենտ մարդիկ մատնացույց արեցին Կ֊ին, մյուսները՝ քննիչին։ Սենյակի մշուշանման ծուխը ծայրահեղ անտանելի էր, այն թույլ չէր տալիս նույնիսկ քիչ հեռու կանգնածներին ավելի լավ զննել։ Ծուխն, հավանաբար, հատկապես վերնասրահի մարդկանց էր խանգարում։ Նրանք, կատարվածի մասին մանրամասն տեղեկանալու համար՝ քննիչի կողմը վախվորած հայացքներ նետելով, ստիպված էին հավաքույթի մասնակիցներին ցածրաձայն հարցուփորձ անել։ Պատասխանները նույնպես ցածրաձայն էին, խոսում էին ձեռքերը բերաններին դեմ կողքանց պահած։
― Հիմա վերջացնեմ,― ասաց Կ֊ն և, որովհետև զանգակ չկար, բռունցքով խփեց սեղանին։ Հարվածից վախեցած, քննիչի ու նրա խորհրդականի գլուխները իսկույն հեռացան իրարից։― Ես հեռու եմ այս ամենից, այդ իսկ պատճառով հանգիստ եմ դատողություններ անում, և դուք, թեթ ենթադրյալ դատը կարևոր է ձեզ համար, կարող եք մեծ օգուտ քաղել, եթե լսեք ինձ։ Քիչ առաջ ասածս խոսքերի համատեղ քննարկումը, խնդրում եմ, ավելի ուշ ժամի հետաձգել, քանզի ես ժամանակ չունեմ և շուտով գնալու եմ։
Անմիջապես լռություն տիրեց․ ուրեմն Կ֊ն արդեն այդ աստիճան իշխում էր ժողովի ընթացքի վրա։ Նստածներն առաջվա պես չէին աղմկում, այլևս ծափահարություններ չէին լսվում, թվում էր, թե Կ֊ի խոսքերը համոզել էին մարդկանց կամ արդեն համոզում էին։
― Կասկած չկա։― Կ֊ն շատ կամաց խոսեց, որովհետև նրան դուր էր գալիս բոլոր ներկաներին լարված ականջ դնելը․ այդ լռության մեջ աղմուկ կար, որ ավելի հաճելի էր, քան ամենահիացական ծափահարությունը։― Կասկած չկա, որ կոնկրետ այս դեպքում՝ ձերբակալման ու այսօրվա հարցաքննության բոլոր դրսևորումների թիկունքում մի մեծ կազմակերպություն է կանգնած, մի կազմակերպություն, որ ոչ միայն կաշառվող պահակներ, գռեհիկ վերակացուներ ու քննիչներ ունի (նրանք համեստ են մաիայն՝ երբ դա ձեռնտու է), այլ նաև բարձր բարձրագույն աստիճանի անտենակազմ՝ ծառաների, գրագիրների, ժանդարմների, օգնական այլ ուժերի, նույնիսկ դահիճների (չեմ վախենում գործածել այս բառը) անհրաժեշտ, անհամար շքախմբով։ Ո՞րն է այս կազմակերպության անելիքը, պարոնայք։ Գուցե այն, որ անմեղ մարդկանց ձերբակալի և նրանց դեմ անիմաստ, մեծ մասամբ, ինչպես այս դեպքում է, ապարդյուն հետաքննությո՞ւն սկսի։ Ինչպե՞ս կարելի է այս ամենի անմտության պայմաններում ծառայակազմի բարքերի ապականությունից խուսափել։ Անհնար է, և անգամ ամենավերին դատավորը չի կարողանա դրան հասնել։ Այդ է պատճառը, որ պահակները փորձում են ձերբակալվածի հագից հանել շորերը, վերակացուները օտար բնակարաններ են խուժում, անմեղ մարդկանց հարցաքննելու փոխարեն քննիչը անարգում է նրանց ողջ հավաքույթի առաջ։ Պահակները միայն պահասենյակների մասին պատմեցին։ Այնտեղ է տարվում ձերբակալվածի սեփականությունը։ Ես կուզենայի մի անգամ տեսնել այդ սրահները, ուր ձերբակալվածի տքնանքով ձեռք բերած կարողությունն է փտում, քանի դեռ գող֊ծառայողները չեն յուրացրել։
Դահլիճի ծայրում մեկը ճչաց։ Կ֊ն ընդհատեց խոսքը, և, որովհետև ցերեկվա լույսը մշուշը սպիտակավուն էր դարձրել ու կուրացնում էր, ձեռքի ափով հով արեց աչքերին, որ կարողանա նայել։ Լվացարարոհին էր․ հենց սկզբից նրա ներս մտնելը Կ֊ն խախտում էր համարել։ Մեղավոր էր նա, թե ոչ, հնարավոր չէր այժմ ասել․ մի տղամարդ քաշել էր նրան դռան մոտի անկյունը և իրեն էր սեղմում։ Բայց ոչ թե լվացարարուհին էր ճչում, այլ՝ տղամարդը․ լայն բացել էր բերանը և առաստաղին էր նայում։ Երկուսի շուրջը մի փոքր օղակ էր գոյացել, իսկ վերնասրահի՝ մոտ գտնվող այցելուները կարծես հիացած նայում էին, որ Կ֊ի հավաքույթում ստեղծած լուրջ մթնոլորտը նման ձևով է ընդհատվում։ Առաջին տպավորության անմիջական ազդեցության տակ Կ֊ն իսկույն ցանկացավ այդ կողմը վազել, մտածեց նաև, որ բոլորի համար կարևոր կլինի կարգուկանոն հաստատելը, զույգին առնվազն դահլիճից հեռացնելը, սակայն նրա աչքերի առաջ մոտակա շարքերը մնացին ինչպես կային, ոչ ոք տեղից չշարժվեց և ոչ ոք չթողեց, որ Կ֊ն անցներ։ Դեռ ավելին։ Ծերունիները առաջ պարզած ձեռքերով խանգարեցին նրան, իսկ ինչ֊որ մեկի ձեռքը (Կ֊ն շրջվելու ժամանակ չունեցավ) հետևից բռնեց նրա օձիքը։ Կ֊ն, բնական է, այլևս չէր մտածում զույգի մասին, նրան թվաց, թե իր ազատությունը սահմանափակեցին, ձերբակալումը կարծես լուրջ էր դառնում, և նա՝ առանց իրեն հաշիվ տալու, ցատկեց պատվանդանից։ Այժմ նա դեմառդեմ կանգնել էր ամբոխի առաջ։ Նա ճի՞շտ կարծիքի էր եղել մարդկանց մասին, արդյո՞ք իր խոսքերին ավելի մեծ ազդեցություն չէր վերագրել։ Ուրեմն, քանի դեռ ինքը խոսում էր, նրանք ձևացնում էին, և այժմ, երբ հերթը եզրահանգումներին հասավ, նրանք արդեն կո՞ւշտ էին ձև թափելուց։ Ի՜նչ դեմքեր էին շրջապատել Կ֊ին։ Նրանց սև, փոքր աչքերը արագ֊արագ այսուայնկողմ էին շարժվում, այտերը կախ էին ընկած՝ ինչպես հարբեցողներինն է լինում, երկար, ցանցառ մորուքները ցցվել էին համառ, և մարդիկ խաղում էին դրանց հետ, բայց թվում էր, թե նրանք միայն իրենց մագիլներն էին ցույց տալիս և ոչ թե խաղում։ Մորուքների տակ (Կ֊ի միակ հայտնագործությունն էր)՝ օձիքների վրա, տարբեր մեծության ու գույնի նշաններ էին պսպղում։ Որքան որ հնարավոր էր տեսնել՝ բոլորն այդ նշաններով էին։ Նրանք համախմբված էին՝ աջ ու ձախ թվացյալ խմբակցությունները, և երբ Կ֊ն պատահաբար շրջվեց, նման նշան տեսավ նաև ձեռքերը գոգը դրած, հանգիստ ներքև նայող քննիչի օձիքին։
― Այդպե՜ս,― բացականչեց Կ֊ն ու ձեռքերը վեր նետեց․ հանկարածակի ձեռք բերված ճանաչողությանը տարածություն էր պետք։― Ինչպես տեսնում եմ, բոլոր պաշտոնյաներդ նույն այլասերված ավազակախմբից եք, և, որ ձեր դեմ եմ խոսել, այժմ խռնվում եք այստեղ՝ լրտեսների ու խարդախների նման։ Թվացյալ խմբերի էիք բաժանվել, ինձ ստուգելու համար ծափահարում էիք, ուզում էիք սովորել, թե ինչպես պետք է անմեղ մարդկանց գայթակղել։ Դե, ես հուսով եմ, դուք իզուր տեղը չէիք այստեղ։ Կամ խոսել եք այն մասին, թե որևէ մեկը անմեղ կողմի պաշտպանությունն է ակնկալել ձեզնից կամ․․․ Թո՛ղ, թե չէ կխփեմ,― բղավեց Կ֊ն շատ մոտ եկած, դաղացող ծերունու վրա։― Կամ էլ, իրոք, ինչ֊որ բան սովորեցիք։ Դե, հաջողություն եմ ցանկանում ձեզ ձեր արհեստում։
Նա արագ վերցրեց սեղանի եզրին դրված գլխարկը և, համընդհանուր լռության տակ (կատարյալ անսպասելիության լռության տակ), մղվեց դեպի ելքը։ Պարզվեց, որ քննիչն ավելի արագաշարժ է, որովհետև նա արդեն սպասում էր դռան մոտ։
― Մի րոպե,― ասաց նա։ Կ֊ն կանգնեց, բայց ոչ քննիչին նայեց, այլ՝ դռանը, որի բռնակը արդեն ձեռքում էր։― Կուզենայի միայն Ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Դուք այսօր (առայժմ դժվար թե գիտակցեք), որ Դուք այսօր զրկվեցիք այն առավելությունից, որ, ամեն դեպքում, ձերբակալվածի համար ընձեռում է հարցաքննությունը։
Կ֊ն, դռանը նայելով, ծիծաղեց։
― Քրջոտներ,― բղավեց նա։― Ձեզ լինեն բոլոր հարցաքննությունները։
Նա բացեց դուռը և աստիճաններով ներքև շտապեց։ Նրա թիկունքում բարձրացավ աշխուժությունը վերագտնող հավաքույթի աղմուկը․ այնտեղ հավանաբար սկսեցին ուսանողների պես քննարկել կատարված դեպքերը։
Նիստերի դատարակ դահլիճում։ Ուսանողը։ Գրասենյակներում
Հաջորդ շաբաթվա ընթացքում Կ֊ն օրըստօրե նոր ծանուցման էր սպասում և չէր կարողանում հավատալ, որ հարցաքննություններից իր հրաժարվելը ընդունել են բառացիորեն։ Երբ սպասված ծանուցումը մինչև շաբաթ երեկո չեկավ, նա ենթադրեց, թե, առանց այլևայլության, նույն ժամին հրավիրվում է նույն տեղը։ Կիրակի օրը նա գնաց այնտեղ։ Այս անգամ աստիճաններով ու միջանցքներով ուղիղ գնաց։ Մի քանիսը, որ անցած կիրակի օրվանից հիշում էին նրան, իրենց դռների մոտ կանգնած ողջունեին, սակայն նա այլևս ոչ մեկին որևէ բան հարցնելու կարիք չուներ և շուտով մոտեցավ անհրաժեշտ դռանը։ Կ֊ն թակեց։ Իսկույն բացեցին, և նա, առանց ծանոթ կնոջը հայացքով փնտրելու (վերջինս կանգնել էր դռան մոտ), ուզեց անմիջապես կողքի սենյակն անցնել։
― Այսօր նիստ չկա,― ասաց կինը։
― Իսկ ինչո՞ւ պետք է նիստ չլինի,― լսածին չհավատաց Կ֊ն։
Կինը՝ դուռը բացելով, համոզեց նրան։ Դահլիճը իրոք դատարկ էր, և դատարկության մեջ նրա տեսքը ավելի խղճուկ էր, քան անցած կիրակի։ Պատվանդանին՝ առաջվա նման դրված սեղանի վրա մի քանի գրքեր կային։
― Կարելի՞ է գրքերը նայել,― հարցրեց Կ֊ն ոչ թե հետաքրքրությունից մղված, այլ ընդհանրապես այստեղ իզուր եկած չլինելու համար։
― Ոչ։― Կինը փակեց դուռը։― Չի թույլատրվում։ Գրքերը քննիչինն են։
― Ահա թե ինչ։― Կ֊ն գլխով արեց։― Դրանք հավանաբար օրենսգրքեր են և պատկանում են դատավարության այն սիստեմին, երբ մարդուն ոչ թե անմեղ տեղը, այլ առանց տեղյակ պահելու են դատապարտում։
― Այդպես է։― Կինն այնքան էլ լավ չէր հասկացել Կ֊ին։
― Դե, այդ դեպքում ես գնամ։
― Քննիչին որևէ բան ասե՞մ։
― Դուք ճանաչո՞ւմ եք նրան։
― Ինչ խոսք։ Իմ ամուսինը դատարանում է ծառայում։― Միայն այժմ Կ֊ն նկատեց, որ սենյակը՝ ուր անցած կիրակի օրը միայն լվացքի տաշտն էր դրված, լրիվ կահավորված, բնակելի սենյակի տեսք ունի։ Կինը նկատեց նրա զարմանքը։
― Այո, մեր բնակարանը ազատ է, սակայն նիստերի օրերին պետք է սենյակը դատարկենք։ Ամուսնուս գործը իր որոշ թերի կողմերն ունի։
― Ես այնքան էլ չեմ զարմանում սենյակի վրա,― ասաց Կ֊ն ու զարմացած նայեց կնոջը։― Ինձ ավելի շատ զարմացնում է այն, որ Դուք ամուսնացած եք։
― Դուք երևի վերջին նիստի ժամանակ կատարված դե՞պքն եք ակնարկում։ Ես ընդհատեցի Ձեր խոսքը։
― Իհարկե, արդեն եղել֊անցել է և համարյա մոռացվել, սակայն անցած կիրակի դա ինձ կատաղության հասցրեց։ Իսկ հիմա ինքներդ եք ասում, թե ամուսնացած եք։
― Ի վնաս Ձեզ չէր, որ ընդհատեի։ Ձեր գնալուց հետո դեռ շատ ոչ նպաստավոր կարծիքներ էին հայտնում Ձեր մասին։
― Թեկուզ։ Սակայն դա չի արդարացնում Ձեզ։
― Ով ճանաչում է ինձ, արդարացնում է, իսկ նա, որ այն օրը գրկեց ինձ, արդեն երկար ժամանակ է հետապնդում ինձ։ Թեև ընդհանրապես ես գայթակղիչ չեմ, սակայն նրան այդպիսին եմ թվում։ Այստեղ արդեն պաշտպանվել հնարավոր չէ, ամուսինս էլ է համակերպվել դրա հետ․ եթե ուզում է իր տեղը պահպանել, պետք է համբերի, որովհետև այն մարդը ուսանող է, և ենթադրվում է, թե մեծ դիրքի կհասնի։ Նա շարունակ հետապնդում է ինձ։ Քիչ առաջ գնաց։ Նա գնաց, և Դուք եկաք։
― Ինձ չի զարմացնում։ Այստեղի համար դա շատ բնորոշ է բոլորին։
― Դուք երևի ուզում եք որոշ բանե՞ր բարեփոխել։― Կինը քննախույզ նայեց Կ֊ին և այնպես դանդաղ հարցրեց, կարծես թե՛ Կ֊ի, թե՛ իր համար վտանգավոր ինչ֊որ բանի մասին էր խոսում։― Ես Ձեր անցած շաբաթվա խոսքերից եզրակացրեցի․ անձամբ ինձ դրանք շատ դուր եկան։ Ես մի մասը լսեցի միայն։ Սկիզբը բաց էի թողել, իսկ վերջում ուսանողի հետ պառկած էի հատակին։ Այստեղ այնպես զզվելի է։― Որոշ ընդմիջումից հետո ավելացրեց նա ու բռնեց Կ֊ի ձեռքը։― Դուք հավատո՞ւմ եք, որ Ձեզ կհաջողվի բարեփոխում մտցնել։― Կ֊ն ժպտաց ու կնոջ փափուկ ափերի մեջ պտտեց ձեռքը։
― Ինչ խոսք, այստեղ, ինչպես Դուք արտահայտվեցիք, բարեփոխումների հասնելը իմ գործը չէ, և եթե, օրինակ, քննիչին նման բան ասեք, Ձեզ կամ կծաղրեն կամ էլ կպատժեն։ Եթե իմ կամքին թողնեին, ես, իհարկե, երբեք չէի խառնվի այս գործերին, և դատավարման վերափոխման անհրաժեշտությունը երբեք չէր խանգարի իմ քունը։ Բայց որ՝ ինձ իբր թե ձերբակալեցին․ ես հիմա ձերբակալված եմ, դրանով իսկ ստիպեցին, արդեն ի պաշտպանություն իմ սեփական անձի, ձեռնամուխ լինել։ Սակայն, եթե կարողանամ իմ նաև ինչ֊որ կերպ օգտակար լինել Ձեզ, ինչ խոսք, մեծ հաճույքով կանեմ ամեն ինչ։ Ոչ թե սոսկ մերձավորի հանդեպ ունեցած սիրուց, այլ նաև այն պատճառով, որ Դուք էլ կարող եք ինձ օգնել։
― Իսկ ինչպե՞ս եմ կարող։
― Ասենք, այն սեղանի վրայի գրքերը ցույց տալով։
― Ինչ խոսք։― Կինը նրան փութով տարավ իր հետևից։
Դրանք հին, ձեռքից ձեռք անցած գրքեր էին, մեկի կազմը մեջտեղում ճաքել էր, միայն մետաքսաթելերն էին պահում թերթերը։
― Ինչ կեղտոտ է այստեղ ամեն ինչ։― Գլուխն օրորելով ասաց Կ֊ն, և կինը՝ նախքան Կ֊ն կհասցներ գրքերը ձեռքն առնել, գոգնոցով երեսանց սրբեց կազմի փոշին։ Կ֊ն բացեց վերևի գիրքը, մի անվայել նկար երևաց․ մի տղամարդ ու կին մերկ նստել էին բազմոցին։ Նկարչի գռեհիկ մտադրությունը պարզ էր, բայց նրա անշնորհքությունն այնքան մեծ էր եղել, որ նրանց մարմինները նկարի մեջ չափից դուրս առանձնանում էին․ փայտացածի նման ձիգ նստել էին և, մարմնի սխալ կառուցման պատճառով, թվում էր, թե միայն ջանքերի գնով են իրար նայում։ Կ֊ն չշարունակեց թերթելը, այլ բացեց հաջորդ գրքի կազմը։ Դրա վերնագիրն էր․ «Տանջանքներ, որ պետք է կրեր Գրետան իր ամուսին Հանսից»։
― Նման գրքե՞ր են ուսումնասիրում այստեղ, և այդ գրքերը կարդացած մարդի՞կ են դատելու ինձ։
― Ես կօգնեմ Ձեզ։ Ուզո՞ւմ եք,― հարցրեց կինը։
― Արդյոք իրականում կկարողանա՞ք առանց Ձեզ վտանգի ենթարկելու օգնել։ Ախր քիչ առաջ ասացիք, թե Ձեր ամուսինը կախման մեջ է իր վերադասներից։
― Այնուամենայնիվ, ուզում եմ օգնած լինել։ Եկեք քննարկենք։ Ինձ սպառնացող վտանգի մասին ոչ մի խոսք․ ես դրանից վախենում եմ, միայն երբ ուզում եմ։ Եկեք։― Կինը ցույց տվեց պատվանդանը և Կ֊ին խնդրեց նստել իր կողքին։
― Գեղեցիկ, սև աչքեր ունեք։― Երբ նստել էին, ասաց կինը և նայեց Կ֊ի դեմքն ի վեր։― Ասում են, թե իմ աչքերն ևս գեղեցիկ են, բայց Ձերն ավելի լավն են։ Ի դեպ, ես դա անմիջապես նկատեցի, երբ առաջին անգամ ներս մտաք։ Դուք էիք պատճառը, որ ավելի ուշ ներս մտա ժողովի սրահը։ Նման բան ես դեռ արած չկայի․ արգելված է։
«Այդ է որ կա,― մտածեց Կ֊ն։― Իր մարմինն է առաջարկում։ Նա էլ է այստեղի բոլոր մարդկանց նման փչացած։ Ինքնին հասկանալի է․ արդեն կուշտ է պաշտոնյաներից և պատահած առաջին անծանոթին ողջունում է աչքերի մասին ասված հաճոյախոսությամբ»։
Նա կարծես բարձրաձայն էր արտահայտել մտքերը․ լուռ վեր կացավ ու դրանով իր վերաբերմունքը բացատրեց կնոջը։
― Չեմ կարծում, թե կկարողանաք օգնել ինձ։― Ասաց նա։― Օգնելու համար պետք է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունենալ, իսկ Դուք, իհարկե, ճանաչում եք միայն այստեղ վխտացող ենթակա պաշտոնյաներին։ Սրանց, անկասկած, շատ լավ եք ճանաչում, և նրանց մոտ ինչ֊որ բանի կարող եք հասնել։ Դրանում ես կասկած չունեմ, սակայն, ինչի էլ որ հասնելու լինեք, դատավարության վերջնական արդյունքի համար լրիվ անկարևոր կլինի, մինչդեռ այդ քայլով այստեղից մի քանի ընկերներ կկորցնեք։ Ես համաձայն չեմ։ Շարունակեք Ձեր մինչայժմյան կյանքը այս մարդկանց հետ։ Ի դեպ, ինձ թվում է, որ դա անհրաժեշտ է Ձեզ։ Ես ոչ առանց ափսոսանքի եմ ասում սա, քանի որ Ձեր հաճոյախոսությանը ինչ֊որ կերպ պատախանած լինելու համար պետք է խոստովանեմ, որ Դուք էլ ինձ եք դուր գալիս։ Առանձնապես, երբ այդպես տխուր եք նայում, թեև, պետք է ասեմ, որ Ձեզ համար տխրելու ոչ մի պատճառ չկա։ Դուք այն հասարակությանն եք պատկանում, որի հետ ես կռիվ պետք է տամ, մինչդեռ այդ հասարակության մեջ շատ լավ եք զգում Ձեզ, նույնիսկ սիրում եք ուսանողին և, եթե անգամ չեք սիրում, ապա գոնե գերադասում եք նրան Ձեր ամուսնուց։ Ձեր խոսքերից հանգիստ կարելի է նման եզրակացության գալ։
― Ո՛չ,― բղավեց կինը, մնաց նստած ու բռնեց Կ֊ի ձեռքը․ վերջինս բավական արագաշարժ չգտնվեց ձեռքը ետ քաշելու հարցում։― Դուք չպետք է հեռանաք։ Չպետք է իմ մասին սխալ կարծիք կազմած հեռանաք։ Իսկապե՞ս կկարողանաք հեռանալ այժմ։ Մի՞թե ես այդքան անարժան եմ, որ մի անգամ հաճույք չեք պատճառի և մի քիչ էլ չեք մնա։
― Ինձ սխալ հասկացաք։― Կ֊ն նստեց։― Եթե Ձեզ համար այդքան կարևոր է իմ այստեղ մնալը, ես հաճույքով կմնամ։ Ես ժամանակ ունեմ, որովհետև այստեղ գալուց սպասում էի, թե այսօր գործ կլսվի։ Քիչ առաջ ասված խոսքերով ուզում էի խնդրել միայն, որ ոչինչ չձեռնարկեք իմ գործով։ Սակայն դա էլ չպետք է վիրավորի Ձեզ, եթե մտածեք, որ դատավարության ելքը ինձ համար ոչ մի նշանակություն չունի, և որ ես ծիծաղելու եմ դատավճռի վրա։ Այստեղ մի նախապայման է պետք դնել․ եթե իհարկե, դատավարությունն իր ավարտին հասցվի։ Դրան ես շատ եմ կասկածում և ավելի շատ հակված եմ մտածելու, թե հետաքննությունը ծառայողների մոռացկոտության, ծուլության կամ թեկուզ վախկոտության պատճառով արդեն ընահատվել է կամ մոտ ժամանակներս կընդհատվի։ Համենայնդեպս, հնարավոր է նաև, որ կաշառքի մեծ գումարի ակնկալիքով շարունակեն հարցաքննությունը, սակայն, պետք է ասեմ, որ իզուր․ ես ոչ ոքի չեմ կաշառի։ Այնուամենայնիվ, շատ սիրալիր կլինեք իմ հանդեպ, եթե քննիչին կամ կարևոր նորություններ տարածող մեկնումեկին տեղեկացնեք, որ ինձից երբեք և ոչ մի մտացածին բանով (որոնցով այդքան հարուստ են այստեղի պարոնները) չի կարելի կաշառք սպասել։ Կարող եք պարզ ասել, որ իմաստ չունի։ Ի դեպ, շատ հնարավոր է, որ իրենք արդեն հասկացած լինեն, և, եթե անգամ չլինեն էլ, ինձ համար այնքան էլ էական չէ, եթե այժմ իմանան։ Այդպես, ախր, կքչանա պարոնների աշխատանքը, համենայնդեպս, ինձ պատճառելիք մի քանի տհաճություններ ևս կպակասեն։ Դրանք ես հաճույքով եմ ստանձնում, երբ տեսնում եմ, որ դրանցից ամենմեկը միաժամանակ հարված է՝ մյուսներին հասցված։ Եվ ես կհոգամ, որ այդպես լինի։ Դուք, անշուշտ, ճանաչո՞ւմ եք քննիչին։
― Իհարկե, հենց նրա մասին էի մտածում, երբ իմ օգնությունն առաջարկեցի։ Ես չգիտեի, որ նա ենթակա պաշտոնյա է, բայց երբ ասում եք, հավանաբար պետք է որ այդպես լինի։ Սակայն կարծում եմ, որ նրա վերև ուղարկած տեղեկագրերը, այնուամենայնիվ, ինչ֊որ ազդեցություն ունե, իսկ նա շատ թղթեր է ուղարկում։ Դուք ասացիք՝ պաշտոնյաները ծույլ են։ Ո՛չ բոլորը, իհարկե։ Հատկապես քննիչը՝ ոչ։ Նա շատ֊շատ է գրում։ Օրինակ, վերջին կիրակի օրվա նիստը մինչև երեկո տևեց, բոլոր ներկաները գնացին, մինչդեռ նա մնաց դահլիճում։ Ես ստիպված էի նրա համար լամպ բերել։ Տանը միայն խոհանոցային ճրագ ունենք, սակայն նա նույնիսկ դրա համար ուրախացավ և անմիջապես կսսեց գրելը։ Այդ ընթացքում ամուսինս եկավ․ կիրակի օրը նա ազատ էր։ Մենք կահույքը բերեցինք, կահավորեցինք սենյակը, հետո հարևանները եկան, մի քիչ էլ մոմի լույսի տակ զրուցեցինք։ Կարճ ասած, մոռացանք քննիչին ու պարկեցինք քելու։ Հանկարծ գիշերը (պետք է որ արդեն գիշեր լիներ) արթնանում եմ, իսկ մահճակալի կողքին կանգնել է քննիչն ու ձեռնափը պահել լամպի դեմ, որ ամուսնուս վրա լույս չընկնի։ Ավելորդ զգուշավորություն էր․ նա այնպես է քնում, որ լույսից չի արթնանա։ Վախեցա, ուզում էի բղավել, սակայն քննիչը շատ մտերմիկ էր հետս․ զգուշացրեց, որ չբղավեմ, շշուկով տեղեկացրեց, որ մինչ այդ պահը գրել է, որ ուզում է վերադարձնել լամպը, և որ երբեք չի մոռանա ինձ քնած տեսնելու պահը։ Այս ամենով ուզում եմ ասել միայն, որ քննիչը իրականում շատ տեղեկագրեր է գրում, հատկապես Ձեր մասին, քանի որ հարցաքննությունը կիրակնօրյա նիստի կարևոր կետերից մեկն էր։ Նման երկարաշունչ գրությունները, իհարկե, չեն կարող կարևոր չլինել։ Դրանից բացի, կարող եք այդ դեպքից եզրակացնել, թե նա ինչքան է ուզում ինձ, և որ ես, հատկապես այժմ՝ առաջին օրերին (նա պետք է որ միայն այժմ նկատած լինի ինձ), կարող եմ նրա վրա ազդել։ Որ նրա համար ինչ֊որ բան նշանակում եմ, մի քանի ապացույցներ ունեմ։ Երեկ նա ուսանողի հետ (ուսանողն հետն է աշխատում ու վայելում է նրա վստահությունը) մետաքսյա գուլպաներ էր նվեր ուղարկել այն պատրվակով, թե նիստերի սենայկում եմ հավաքում։ Սակայն դա միայն պատճառաբանություն է, որովհետև այս գործն իմ պարտականությունն է, և սրա համար ամուսինս վարձատրվում է։ Գեղեցիկ գուլպաներ են, տեսեք։― Նա ոտքերը երկարացրեց, շրջազգեստը բարձրացրեց մինչև ծունկը և նույնպես նայեց։― Գեղեցիկ գուլպաներ են, բայց ինձ հարմար չեն․ շատ նուրբ են։
Նա հանկարծ լռեց, կարծես Կ֊ին հանգստացնել ցանկանալով՝ ձեռքը դրեց նրա ձեռքին ու շշնջաց․
― Սուս, Բերթոլդը մեզ է նայում։― Կ֊ն դանդաղ բարձրացրեց հայացքը։ Սենյակի դռան մեջ մի երիտասարդ էր կանգնած։ Նա կարճահասակ էր, ոչ այնքան ուղիղ ոտքեր ուներ և կարճ, ցանցառ ու կարմրավուն մորուքով (մատները շարունակ մեջն էին) կարծես ուզում էր կարևորություն տալ դեմքին։ Կ֊ն հետաքրքրությամբ նայեց դիմացինին․ այդ մարդուն, ախր, Կ֊ին անծանոթ արդարադատության համակարգի առաջին ուսանողն էր, ում ինքը ինչ֊որ չափով մարդավայել դիմավորեց, մի մարդ, որ, հնարավոր է, երբևէ բարձր պաշտոնների հասներ։ Ուսանողին, ընդհակառակը, բնավ չէր հետաքրքրում Կ֊ն։ Նա միայն մի պահ դադարեց խաղալ մորուքի հետ, մատով նշան արեց կնոջն ու մոտեցավ պատուհանին։ Կինը թեքվեց Կ֊ի կողմը և շշնջաց։
― Շատ եմ խնդրում, մի զայրացեք ինձ վրա և վատ մի մտածեք իմ մասին։ Ես այժմ պետք է նրա մոտ գնամ, այս զզվելի մարդու մոտ․ տեսեք միայն նրա ծուռ ոտքերը։ Բայց ես իսկույն ետ կգամ և կգնամ Ձեզ հետ, եթե իհարկե ինձ վերցնեք հետներդ։ Ուր տանեք, կգամ։ Ինձ հետ կարող եք անել ինչ ուզում եք։ Ես երջանիկ կլինեմ, եթե այստեղից հնարավորին չափ երկար ժամանակով հեռանամ․ ավելի լավ կլինի՝ մշտապես։― Նա շոյեց Կ֊ի ձեռքը, ոտքի ցատկեց ու վազեց պատուհանի կողմը։ Կ֊ն ակամա պարզեց ձեռքը։ Կինն իսկապես հրապուրեց նրան, և նա, որքան էլ մտածում էր, որ մի պատճառ չէր գտնում, թե ինչո՞ւ ինքը չպետք է գայթակղմանը ենթարկվեր։ Այն թռուցիկ առարկությունը, թե այդ կինը դատարանի համար է ձեռք գցում իրեն, նա առանց դժվարության վանեց։ Ինչպե՞ս կարող էր կինը բռնացնել իրեն։ Արդյո՞ք ինքն ազատ չէր իր գործողություններում, որ ողջ դատարանին (թեկուզ միայն մի գործի հետ կապված հարցերում) կարողանար անմիջապես տապալել։ Արդյոք նվազ մի վստահություն իսկ չէ՞ր կարող ունենալ իր հանդեպ։ Օգնության վերաբերյալ կնոջ առաջարկը անկեղծ էր հնչում և, հավանաբար, անարժեք չէր։ Քննիչից ու նրա կողմնակիցներից ավելի լավ վերժ Կ֊ն դժվար թե կարողանար մտածել, քան եթե տաներ այս կնոջն ու թաքցներ իր մոտ։ Հետո կարող է այնպես ստացվեր, որ քննիչը, Կ֊ի մասին սուտ տեղեկությունների վրա չարչարվելուց հետո, մի օր ուշ գիշերով դատարկ գտներ կնոջ անկողինը, և դատարկ այն պատճառով, որ կինը Կ֊ին էր պատկանում, որ պատուհանի մոտ կանգնած կինը՝ կոպիտ ու ծանր կտորից կարված մուգ զգեստով այդ փարթամ, տաք ու ճկուն մարմինը, միայն իրեն էր պատկանում։
Կնոջն առնչվող մտքերը վանելուց հետո Կ֊ն սկզբում մատներով, ապա բռունցքով բախեց պատվանդանը, որովհետև պատուհանի մոտ կանգնածների զրույցը նրան շատ երկար թվաց։ Ուսանողը կնոջ ուսի վրայով կարճ հայացք նետեց, սակայն կարևորություն չտվեց թակոցին, նույնիսկ ավելի մոտ կանգնեց կնոջը և գրկեց նրա իրանը։ Կինը խոր հակեց գլուխը։ Նրան նայողը կմտածեր, թե ուշադիր լսում է դիմացինին, և երբ կինը խոնարհեց գլուխը, ուսանողը՝ առանց խոսքը ընդհատելու, աղմուկով համբուրեց նրա պարանոցը։ Շարունակ կնոջ գանգատների տպավորության տակ՝ ուսանողի համբույրը կնոջ հանդեպ դրսևորված բռնություն թվաց Կ֊ին, և նա ոտքի կանգնեց ու սկսեց սենյակում ետ ու առաջ քայլել։ Ուսանողի կողմը հայացքներ նետելով՝ նա մտածում էր, թե ինչպես կարող է հնարավորին չափ շուտ ազատվել նրանից, և այնքան էլ հաճելի չէր, երբ ուսանողը Կ֊ի՝ դոփյունի վերածվող քայլերից սրտնեղած, նկատեց․
― Եթե չեք համբերում, կարող եք հեռանալ։ Դուք կարող էիք ավելի շուռ հեռանալ, ոչ ոք ձեզ չէր խանգարի։ Այո, նույնիսկ պետք է արդեն հեռացած լինեիք․ հենց իմ ներս գալուց հետո, և շատ արագ։
Այդ դիտողության մեջ նա պետք է որ հանդես բերած լիներ իր ողջ զայրույթը, սակայն նրա բառերում երևում էր նաև չսիրված մեղադրյալի հետ խոսող ապագա պաշտոնյայի գոռոզամտություն։
― Ես չեմ համբերում, ճիշտ է։― Նրա կողքին կանգնեց ու ժպտալով ասաց Կ֊ն։― Բայց իմ անհամբերությանը Դուք կարող եք հանգիստ վերջ դնել, եթե թողնեք մեզ։ Թե ինչ֊որ բան ուսումնասիրելու համար եք ներս եկել (լսել եմ, որ ուսանող եք), ապա հաճույքով Ձեզ տեղ կտրամադրեմ ու տիկնոջ հետ կհեռանամ։ Ի դեպ, Դուք սովորելու դեռ շատ բան ունեք, մինչև որ դատավոր դառնաք։ Ես թեև արդարադատության այս համակարգին լավ ծանոթ չեմ, սակայն ենթադրում եմ, որ միայն կոպիտ խոսելաձևը, որին Դուք՝ առանց անհարմար զգալու լավ տիրապետում եք, դեռ բնավ բավական չէ։
― Նրան չպետք է թողնեին, որ այդպես ազատ շրջի։― Կարծես Կ֊ի վիրավորական բառերի համար բացատրություն տալու ցանկությամբ՝ կնոջը դիմեց ուսանողը։― Սխալ քայլ թույլ տվեցինք։ Այդ մասին ասել եմ քննիչին։ Նրան պետք էր գոնե հարցաքննությունների միջակա ժամանակահատվածում սենյակից դուրս չթողնել։ Քննիչը երբեմն անհասկանալի բաներ է անում։
― Իզուր խոսքեր են,― ասաց Կ֊ն և ձեռքը պարզեց կնոջ կողմը։― Գնանք։
― Ախ այդպե՞ս,― ասաց ուսանողը։― Ո՛չ, ո՛չ։ Դուք նրան չեք ստանա։
Դժվար էր հավատալ, թե նա այդքան ուժ ունի, սակայն կնոջը գիրկն առավ և, կռացած՝ քնքուշ հայացքով նրան նայելով, վազեց դեպի դուռը։ Չէր կարելի ասել, թե նա վախենում էր Կ֊ից․ Կ֊ին գրգռելու համար նա համարձակվեց նույնիսկ ազատ ձեռքով շոյել կնոջ թևն ու սեղմել։ Կ֊ն մի քանի քայլ վազեց նրա կողքով, պատրաստ բռնել և, բռնելու դեպքում, խեղդել նրան, սակայն կինն ասաց․
― Ոչինչ չի օգնի, քննիչն է պատվիրել տանել ինձ։ Ես Ձեզ հետ գնալու իրավունք չունեմ։ Այս փոքրիկ հրեշը,― միաժամանակ նա ձեռքը սահեցրեց ուսանողի դեմքի վրայով,― այս փոքրիկ հրեշը ինձ չի թողնի։
― Եվ Դուք չե՞ք ուզում ազատված լինել,― բղավեց Կ֊ն ու ձեռքը դրեց ուսանողի ուսին (վերջինն ուզում էր ատամներով բռնել ձեռքը)։
― Ո՛չ։― Կանչեց կինը և երկու ձեռքով ետ մղեց Կ֊ին։― Ո՛չ, ո՛չ։ Միայն ոչ այդ։ Ինչի՞ մասին եք մտածում։ Դա ինձ համար կործանում կլիներ։ Թողեք նրան, խնդրում եմ, թողեք նրան։ Նա, ախր, միայն քննիչի հրամանն է կատարում և ինձ նրա մոտ է տանում։
― Որ այդպես է, թող վազի, և Ձեզ էլ չեմ ուզում այլևս տեսնել։― Հիասթափությունից կատաղած Կ֊ն այնպես խփեց ուսանողի մեջքին, որ վերջինս սայթաքեց, բայց հաջորդ վայրկյանին, բեռը ձեռքին, չընկնելու ուրախությունից ավելի վեր ցատկեց։ Կ֊ն դանդաղ գնաց հետևներից։ Նա հասկացավ, որ սա, անկասկած, այս մարդկանցից կրած առաջին պարտությունն էր։ Անշուշտ վախ ներշնչելու ոչ մի պատճառ չկար, ինքը պարտություն կրեց, որովհետև միայն պայքար էր փնտրում։ Եթե տանը մնար ու իր առօրյա կյանքով ապրեր, այս մարդկանց հանդեպ հազար անգամ ավելի լավ վիճակում կլիներ և դեմն ելնող ամեն մեկին մի քացիով իսկ դեն կնետեր իր ճանապարհից։ Նա մի շատ ծիծաղելի տեսարան պատկերացրեց, որը կներկայանար, եթե, օրինակ, այս խեղճուկրակ ուսանողը, այս փքված երեխան, ծուռտիկ մորուքավոր ծնկի գար Էլզայի մահճակալի մոտ ու ծալած ձեռքերով ներողություն հայցեր։ Այս միտքը այնքան դուր եկավ Կ֊ին, որ նա մտադրվեց հենց առաջին իսկ հնարավորության դեպքում ուսանողին մի անգամ Էլզայի մոտ տանել։
Հետաքրքրությունից մղված, նա շտապեց դռան կողմը և ուզեց տեսնել, թե ուսանողը ուր տարավ կնոջը․ հո չէր կարող գրկած անցնել փողոցներով։ Պարզվեց, որ ճանապարհը շատ ավելի կարճ էր։ Անմիջապես բնակարանին դեմ հանդիման փայտե նեղ աստիճաններ կային, որ, հավանաբար, ձեղնահարկ էին տանում։ Վերևում աստիճանը պտույտ էր գործում, և ներքևից հնարավոր չէր նրա վերջը տեսնել։ Որովհետև մինչև այդտեղ վազելուց թուլացել էր, ուսանողն արդեն դանդաղ ու փնչացնելով էր վերև տանում կնոջը։ Կինը վերևից ձեռքով արեց Կ֊ին և, ուսերը վերուվար շարժելով, փորձեց ցույց տալ, թե իրեն տանում են, ինքը մեղք չունի, սակայն այդ շարժումների մեջ այնքան էլ շատ ափսոսանք չկար։ Կ֊ն անարտահայտիչ դեմքով, ինչպես օտարին կնայեին, նայեց կնոջը, չէր ուզում ոչ իր հիասթափությունը մատնել, ոչ էլ ցույց տալ, թե կարող է հանգիստ հաղթահարել այդ հիասթափությունը։
Երկուսն էլ արդեն կորել էին տեսադաշտից, սակայն Կ֊ն դեռ կանգնել էր դռան մեջ։ Նա պետք է ընդուներ, որ կինը ոչ միայն խաբել է, այլ, ասելով, թե իրեն քննիչի մոտ են տանում՝ նաև ստել է։ Քննին, ախր, չէր նստի ձեղնահարկում և սպասի։ Փայտե աստիճանը, ինչքան էլ Կ֊ն նայելու լիներ, ոչինչ չէր կարող բացատրել։ Այդ ժամանակ սանդուղքի կողքին գրություն տեսավ, մոտ գնաց ու կարդաց մանկական անվարժ ձեռագիրը․ «Դատարանի գրասենյակների մուտք»։ Այստեղ, վարձակալվող տան ձեղնահարկո՞ւմ էին, ուրեմն, դատարանի գրասենյակները։ Պատկառանք ազդող հաստատությանը վայել բան չէր դա, և ցանկացած մեղադրյալ՝ պատկերացնելով, թե ինչպիսի միջոցներ կան այս դատարանի տրամադրության տակ (ամենահետին աղքատներին տրամարդված շենքի ձեղնահարկն էր օգտագործվել գրասենյակների համար, մինչդեռ կենվորներն իրենց անպետք հնոտին էին նետում այնտեղ), կարող էր հանգիստ շնչել։ Համենայնդեպս, բացառված չէր, որ բավական փող կար, բայց և որ պաշտոնյաներն էին վրա տալիս, մինչև փողը կարողանային օգտագործել դատարանի ծախսերի համար։ Կ֊ի մինչայժմյան փորձը հուշում էր, որ նման պատկերացումը շատ հավանական էր, ու թեև դատարանի նման բարոյական անկումը մեղադրյալի համար շատ նվաստացուցիչ էր, սակայն ավելի հանգստացնող էր, քան կարող էր լինել աղքատությունը։ Նույն պահին Կ֊ն հասկացավ նաև, որ առաջին հարցաքննության ժամանակ ամաչել են դատապարտյալին ձեղնահարկ առաջնորդել և նախընտրել են անհանգստացնել իր իսկ բնակարանում։ Ինչ դրության մեջ կլիներ Կ֊ն, եթե կանգներ ձեղնահարկում նստած դատավորի դիմաց, այն դեպքում, երբ ինքը բանկում մի մեծ սենյակ ուներ՝ նախասենյակով հանդերձ, իսկ լայն պատուհանը նայում էր քաղաքի աղմկոտ հրապարակին։ Համենայնդեպս, նա ոչ կաշառակերությամբ, ոչ էլ զերծարարությամբ կողմնակի միջոցներ չէր կորզում և չէր կարող ծառային պատվիրել, որ նա որևէ կնոջ գրասենյակ բերեր գրկած։ Կ֊ն, առնվազն այս կյանքում, հաճույքով կհրաժարվեր նման բաներից։
Նա դեռ կանգնած էր գրասենյակի ցուցանակի մոտ, երբ աստիճաններով մի մարդ բարձրացավ, բաց դռնից նայեց հյուսրասենյակ (այնտեղից նիստերի դահլիճն էլ էր երևում) և վերջապես հարցրեց Կ֊ին՝ արդյոք քիչ առաջ այստեղ մի կնոջ չի՞ տեսել։
― Դուք դատարանի կատարածուն եք, չէ՞։
― Այո,― ասաց մարդը։― Ախ, հա։ Դուք մեղադրյալ Կ֊ն եք։ Նոր միայն ճանաչեցի Ձեզ։ Բարով եք եկել։― Նա, Կ֊ի համար անսպասելի, պարզեց ձեռքը։― Այսօր, սակայն, ոչ մի նիստ նշանակված չէ։― Խոսեց կատարածուն, մինչ Կ֊ն շարունակում էր լռել։
― Գիտեմ։― Կ֊ն զննեց կատարածուի քաղաքացիական կոստյումը, որի վրա, ի նշան այն բանի, որ դա ծառայողի զգեստ է, սովորական կոճակների հետ կային նաև երկու ոսկեփայլ կոճակներ (դրանք երևի պոկել էին սպայական հին վերարկուի վրայից)։― Քիչ առաջ Ձեր կնոջ հետ էի խոսում, բայց նա այլևս այստեղ չէ․ ուսանողը քննիչի մոտ տարավ։
― Տեսնո՞ւմ եք,― ասաց կատարածուն։― Նրան անընդհատ տանում են իմ մոտից։ Տեսեք, այսօր կիրակի է, և ես պարտավոր չեմ ոչ մի աշխատանք կատարել, սակայն միայն այստեղից հեռացնելու համար, որևէ անկարևոր լուր հայտնելու պատրվակով ինձ տեղ են ուղարկում։ Այնքան էլ հեռու չեն ուղարկում, միշտ հույս եմ ունենում, որ շտապելու դեպքում դեռ կարող եմ ժամանակին վերադառնալ։ Վազում եմ, ուրեմն, ինչքան կարող եմ, հիմնարկության դռան ճեղքից (ուր որ ուղարկում են ինձ) հազիվ հասկանալի, շնչակտուր հայտնում եմ լուրը, կրկին ետ եմ սլանում, սակայն պարզվում է, որ ուսանողն ինձնից ավելի արագաշարժ է դուրս գալիս։ Դրանից բացի, նրա անցնելիք ճանապարհ, ախր, ավելի կարճ է, քան՝ իմը։ Նա պետք է ներքև իջնի միայն ձեղնահարկի աստիճաններով։ Եթե այդքան կախման մեջ չլինեի, ուսանողին վաղուց պատին ծեփած կլինեի։ Այ, այստեղ՝ ցուցանակի կողքին։ Շարունակ այդ եմ երազում, այստեղ, հատակից մի քիչ վերև, նա ճզմված ընկած է, ձեռքերը տարածել է, մատները չռված են, ծուռ ոտքերը օղակ են կազմել և շուրջն ամբողջովին արյան շիթեր են։ Սա առայսօր միայն երազ է մնում։
― Որևէ այլ ելք չկա՞։― Ժպտաց Կ֊ն։
― Չգիտեմ։ Հիմա վիճակն ավելի վատ է։ Մինչև այսօր նա կնոջս միայն իր համար էր տանում, այժմ, սակայն, քննիչի մոտ էլ է տանում։ Ի դեպ, ես դրան վաղուց էի սպասում։
― Իսկ ի՞նչ է, Ձեր կինը բնավ մեղք չունի՞։― Կ֊ն, ինչքան էլ որ խանդեր, պատրավոր էր զսպել իրեն և այդ հարցը չպետք է տար։
― Ինչ խոսք։ Ամենից շատ նա է մեղավոր։ Ինքը կախ ընկավ ուսանողի վզից։ Ինչ ուսանողին է վերաբերում, բոլոր փեշավորների հետևից վազում է։ Մենակ այս շենքում նրան արդեն հինգ բնակարանից դուրս են շպրտել։ Իմ կինը, ի դեպ, ամենագեղեցիկն է շենքում, և հենց ես եմ անկարող մի բան ձեռնարկել։
― Եթե վիճակն այդպես է, ապա ոչինչ չի օգնի։
― Ինչո՞ւ չի օգնի։ Ուսանողը վախկոտի մեկն է, և եթե մի անգամ էլ փորձի կնոջս ձեռք տալ, պետք է այնպես ծեծել, որ այլևս չհամարձակվի մոտ գալ։ Ես չեմ կարող ծեծել, իսկ մյուսներն այդ բանն ինձ համար չեն անում։ Վախենում են նրանից։ Միայն Ձեզ նման մարդը կկարողանար այդ բանն անել։
― Ինչպե՞ս թե,― զարմացավ Կ֊ն։
― Ախր Ձեզ մեղադրում են։
― Այո, բայց չէ՞ որ ես ավելի շատ պետք է վախ ունենամ, որ նա, թեկուզ ազդեցություն չունենա էլ դատավարության ելքի վրա, ապա նախնական քննության վրա հավանաբար կկարողանա ազդել։
― Այո, իհարկե։― Խոսեց կատարածուն այնպես, կարծես Կ֊ի փաստարկը նույնքան ճիշտ էր, որքան՝ իրենը։― Սակայն մեզ մոտ, որպես կանոն, ոչ մի անհույս դատավարություն չի ընթանում։
― Ես Ձեզ համամիտ չեմ, սակայն դա չի խանգարի, որ ուսանողը պատահաբար մշակվի։
― Ես Ձեզ շատ երախտապարտ կլինեի։― Կատարածուի ձայնը փոքր֊ինչ պաշտոնական հնչեց, բայց երևում էր, որ նա իր բաղձալի երազանքի իրականացմանը այնքան էլ չէր հավատում։
― Ձեր ծառայողներից ոմանք նույնպես, ճիշտն ասած՝ երևի թե բոլորը, ծեծի են արժանի։
― Այո, այո։― Կատարածուի խոսելու տոնից կարելի էր կարծել, թե խոսքը ինքնին հասկանալի ինչ֊որ բանի մասին է։ Հետո նա վստահող հայացք գցեց Կ֊ի վրա (թեև նրանք մտերիմների պես էին զրուցում, կատարածուն առայժմ այդպես չէր նայել) և ավելացրեց։― Մարդիկ անընդհատ խռովություն են բարձրացնում։― Դրանից հետո նրան թվաց, թե զրույցը տհաճ հունով է ընթանում, և ընդհատեց խոսքը, ասելով․― հիմա պետք է գրասենյակ ներկայանամ։ Կգա՞ք հետս։
― Ես այնտեղ անելիք չունեմ։
― Կարող եք գրասենյակները նայել։ Ոչ ոք Ձեզանով չի հետաքրքրվի։
― Արժի՞ տեսնել, որ,― երկմտանքով հարցրեց Կ֊ն, սակայն կատարածուի հետ գնալու մեծ ցանկություն զգաց։
― Դե, ես կարծեցի, թե կհետաքրքրի Ձեզ։
― Լավ, կգամ,― ասաց Կ֊ն ու կատարածուից ավելի արագ վազեց աստիճաններին ի վեր։
Ներս մտնելիս նա քիչ էր մնում ընկներ, որոհվետև դռան հետևում մի աստիճան էլ կար։
― Այցելուների վրա այնքան էլ ուշադրություն չեն դարձնում։ Ընդհանրապես ուշադրություն եչն դարձնում։ Դուք միայն ընդունարանը նայեք։― Ցույց տվեց կատարածուն։
Միջանցքը երկար էր, կոշտուկոպիտ տաշված դռները ձեղնահարկի տարբեր բաժանմուքներն էին տանում։ Թեև լույսի անմիջական ոչ մի ճառագայթ ներս չէր թափանցում, միջանցքում, այնուամենայնիվ, այնքան էլ մութ չէր, որովհետև բաժանմունքներից մի քանիսը տախտակե հոծ պատերի փոխարեն միջանցքի վրա բացվող, մինչև առաստաղ հասնող փայտե ճաղերով էին։ Նրանց միջով որոշ քանակի լույս էր ներթափանցում, և կարելի էր տեսնել, թե ինչպես մի քանի պաշտոնյաներ գրում էին սեղանների առաջ նստած կամ կանգնել էին ճաղերի մոտ ու անցքերից նայում էին դուրս՝ միջանցքի մարդկանց։ Օրը կիրակի էր, և, հավանաբար, այդ էր պատճառը, որ միջանցքում քիչ մարդ կար, եղածներն էլ շատ համեստ տպավորություն էին թողնում։ Նրանք նստել էին պատերի տակ իրարից համարյա հավասար հեռավորության վրա դրված փայտե նստարաններին։ Բոլորն անխտիր անփույթ էին հագնված, թեև նրանց մեծ մասը՝ դատելով դեմքի արտահայտություններից, կեցվածքներից, մազմորուքից և այլ հազիվ նկատելի, փոքր մանրամասնություններից, հասարակության բարձր խավին էին պատկանում։ Կախիչ ընդհանրապես չկար, և նրանք հավանաբար մեկը մյուսի օրինակին հետևելով, գլխարկները դրել էին նստարանների տակ։ Երբ դռան մոտ նստածները Կ֊ին ու կատարածուին տեսան, ողջույնի համար ոտքի կանգնեցին, և, որովհետև մյուսները նույնպես տեսան, մտածեցին, թե իրենք էլ պետք է ողջունեն․ նրանց առաջ շարժվելուն զուգահեռ, միջանցքում նստածները ոտքի կանգնեցին։ Նրանք երբեք ձիգ ձգված չէին կանգնում․ մեջքները կորացած էին, ծնկները՝ ծալված, կանգնել էին փողոցի մուրացկանների նման։ Կ֊ն սպասեց, մինչև հետևից եկող կատարածուն հավասարվեց իրեն, և ասաց․
― Ինչքա՜ն պետք է նվաստացած լինեն նրանք։
― Այո, նրանք մեղադրյալներ են։ Այստեղ ում տեսնում եք, բոլորը մեղադրյալներ են։
― Իսկապե՞ս։ Այդ դպքում նրանց իմ գործընկերներն են։ Ի՞նչն է այստեղ Ձեր սպասելու պատճառը։― Մոտիկ կանգնած բարձրահասակ, սլացիկ, արդեն համարյա՝ ալեհեր մազերով մարդու կողմը շրջվեց և քաղաքավարի հարցրեց Կ֊ն։ Այդ անսպասելի հարցը, սակայն, շփոթեցրեց մարդուն, և դա ավելի անախորժ տպավորություն թողեց, որովհետև պարզ երևում էր, որ դիմացը կանգնածը աշխարհ տեսած մարդ է, որ մի այլ տեղ, իհարկե, կկարողանար տիրապետել իրեն և շատերի հանդեպ գերազանցություն ունենալ․ ու նրա արաժանապատվությունը հեշտուհանգիստ չէր տեղի տալիս։ Այստեղ, սակայն, նա չէր կարողանում նման մի հասարակ հարցի պատասխանել։ Նայում էր մյուսներին, կարծես նրանք պարտավոր էին օգնել իրեն, և ոչ ոք չէր կարող պատասոխան ակնկալել նրանից, եթե օգնության չհասնեին։ Կատարածուն մոտեցավ և ոտքի կանգնած մարդուն հանգստացնելու, առույգություն հաղորդելու նպատակով ասաց․
― Պարոնն, ախր, հարցնում է միայն, թե ի՞նչն է Ձեր՝ այստեղ սպասելու պատճառը։ Պատասխանեք, ախր։
― Ես սպասում եմ․․․― Երևում է կատարածուի ձայնը դրական ազդեցություն ունեցավ, սակայն դիմացինի պատասխանը ասված մի քանի բառից այն կողմ չանցավ։ Գուցե հարցին որոշակի ճշգրտությամբ պատասխանելու ձգտումը պատճառ դարձավ նման սկիզբ ընտրելուն, սակայն շարունակությունը առայժմ բացակայում էր։ Սպասողներից մի քանիսը խմբվեցին նրա շուրջը, կատարածուն հեռացրեց նրանց։
― Հեռու, հեռու։ Ազատեք միջանցքը։
Նրանք ետ քաշվեցին, բայց ոչ մինչև իրենց նախկին տեղերը։ Այդ ընթացքում տղամարդը՝ ում Կ֊ն ուղղել էր հարցը, հավաքեց իրեն և պատասխանեց, մինչև անգամ ժպտաց։
― Մի ամիս առաջ իմ գործի կապակցությամբ ապացույցներ ներկայացնելու մի քանի միջնորդագիր եմ հանձնել և դրանց վավերացմանն եմ սպասում։
― Բայց, երևում է, Դուք շատ եք նեղություն տվել Ձեզ։
― Այո, ախր իմ գործն է։
― Ոչ ամեն ոք է Ձեզ նման մտածում,― առարկեց Կ֊ն։― Օրինակ, ես էլ Ձեզ նման մեղադրյալ եմ, սակայն, թեկուզ մեռնեմ, ոչ միջնորդագիր կներկայացնեմ, ոչ էլ նման բան կձեռնարկեմ։ Դուք միջնորդագիրն անհրաժե՞շտ եք համարում։
― Ճշմարիտը չեմ կարող ասել։― Կատարյալ տարակուսանքի մեջ ասաց մարդը։ Պարզ երևում էր, որ նա մտածում էր, թե Կ֊ն կատակ է անում իր հետ։ Այդ էր պատճառը, որ նա, վախենալով, թե կարող է նոր սխալ թույլ տալ, հաճույքով ցանկացավ կրկնել նախկին պատասխանը, սակայն Կ֊ի անհամբեր հայացքի տակ ասաց միայն․
― Ինձ համար կարող եմ ասել, որ միջնորդագիր ներկայացրել եմ։
― Դուք հավանաբար չե՞ք հավատում, որ ես մեղադրյալ եմ։
― Ոչ։ Ի՜նչ եք ասում։ Անշուշտ։― Մարդը մի փոքր կողքի քաշվեց, բայց նրա պատասխանի մեջ ոչ թե հավատ, այլ վախ կար։
― Ուրեմն չե՞ք հավատում։― Դիմացինի հնազանդությունից գրգռված Կ֊ն չհասկանալով իր արածը, բռնեց նրա ձեռքից, ասես ուզում էր ստիպելով հավատացնել։ Նա այդ մարդուն ցավ պատճառելու ցանկություն չուներ, միայն թեթևակի բռնեց նրա ձեռքը, մինչդեռ տղամարդը այնպես բղավեց, որ թվաց, թե Կ֊ն ոչ թե երկու մատով, այլ շիկացած աքցանով էր բռնել։ Ծիծաղելի ճիչը Կ֊ի մեջ վերջնականապես զզվանք առաջացրեց այդ մարդու հանդեպ․ ավելի լավ, որ չեն հավատում, թե ինքը մեղադրյալ է։ Գուցե դիմացինը դատավորի տեղ էր դրել իրեն։ Հրաժեշտ տալով, նա ավելի ամուր սեղմեց այդ մարդու ձեռքը, ետ հրեց նստարանին ու շարունակեց ճանապարհը։
― Մեղադրյալների մեծ մասն այնպես զգայուն են,― ասաց կատարածուն։
Միջանցքում նստածները նրանց թիկունքում խմբվեցին տղամարդու շուրջը (վերջինս այլևս չէր բղավում) և կարեծս կատարվածի մանրամասներն էին հարցնում։ Կ֊ին ընդառաջ մի պահակ էր գալիս։ Նրան հիմնականում կարելի էր միայն թրից ճանաչել։ Դատելով գույնից՝ թրի պատյանն ալյումինից էր։ Կ֊ն շատ զարմացավ և նույնիսկ պարզեց ձեռքը։ Պահակը, որ աղաղակի պատճառով էր մոտեցել, հարցրեց, թե ի՞նչ է պատահել։ Կատարածուն փորձեց մի քանի բառով հանգստացնել նրան, սակայն պահակը հայտարարեց, թե ինքն անձամբ կստուգի, պատվի առավ ու փութկոտ (երևի հոդատապով էր տառապում), բայց մանրաքայլ հեռացավ։
Կ֊ն այնքան էլ շատ չմտահոգվեց պահակի ու միջանցքում նստածների մասին։ Պատճառն այն էր, որ միջանքի մեջտեղից դեպի աջ տանող դուռ բացված տեսավ։ Նա կատարածուին հարցրեց՝ արդյոք սա՞ է ճիշտ ճանապարհը, դրական պատասխան ստացավ ու աջ թեքվեց։ Նրա համար շատ տհաճ էր կատարածուի առջևից մեկ կամ երկու քայլ հեռավորությամբ քայլելը, միջանցքում դա կարող էր այն տպավորությունը թողնել, թե ինքը ձերբակալված է, հարցաքննության է տարվում։ Նա հաճախ սպասում էր, մինչև կատարածուն հավասարվում էր, սակայն վերջինս նորից էր ետ ընկնում։ Վերջում արդեն, անհաճո զգացմանը վերջ տալու համար, նա դիմեց կատարածուին․
― Արդեն տեսա, թե ինչ կա այստեղ։ Հիմա դուրս գնալ եմ ուզում այստեղից։
― Դուք դեռ ամեն ինչ չեք տեսել։― Միանգամից անխարդախ տեսքով ասաց կատարածուն։
― Ես չեմ ուզում ամեն ինչ տեսնել։― Կ֊ն, իրոք, արդեն հոգնածություն է զգում։― Ես գնալ եմ ուզում։ Ինչպե՞ս գտնեմ ելքը։
― Դուք, ինչ է, մոլորվե՞լ եք արդեն։― Զարմացած հարցրեց կատարածուն։― Գնացեք մինչև անկյունը, այնտեղից՝ աջ, միջանցքով՝ ուղիղ, մինչև դուռը։
― Եկեք ինձ հետ։ Ցույց տվեք ճանապարհը։ Ես կխառնեմ ճանապարհները։ Դրանք այստեղ այնքան շատ են։
― Միակ ճանապարհն այդ է։― Այժմ արդեն կշտամբանքով՝ ասաց կատարածուն։― Ես չեմ կարող Ձեզ հետ վերադառնալ։ Զեկուցելու բան ունեմ և առանց այդ էլ Ձեր պատճառով ահագին ժամանակ կորցրի։
― Եկեք ինձ հետ։― Արդեն ավելի կտրուկ պահանջեց Կ֊ն․ նա կատարածուին կարծես ինչ֊որ անճշտության մեջ էր բռնացրել։
― Այդպես մի բղավեք ախր,― շշնջաց կատարածուն․― այստեղ ամենուր գրասենյակներ են։ Եթե մենակ վերադառնալ չեք ուզում, մի քիչ էլ եկեք ինձ հետ կամ այստեղ սպասեք, մինչև զեկուցեմ֊վերջացնեմ։ Հետո մեծ հաճույքով կվերադառնամ Ձեզ հետ։
― Ո՛չ, ո՛չ,― առարկեց Կ֊ն։― Ես չեմ սպասի, իսկ Դուք պարտավոր եք այժմ ևեթ ինձ հետ գալ։― Սրահում, ուր նրանք էին այժմ, Կ֊ն դեռ շուրջը չէր նայել, և, երբ փայտե բազմաթիվ դռներից մեկը բացվեց, նա շրջվեց։ Ըստ երևույթին Կ֊ի բարձրաձայն խոսելն էր պատճառը, որ մի աղջիկ դուրս եկավ, մոտեցավ ու հարցրեց․
― Պարոնը որևէ բա՞ն է ցանկանում։
Աղջկա թիկունքում՝ հեռու, կիսամութի մեջ, մոտեցող մի մարդ էլ երևաց։ Կ֊ն նայեց կատարածուին։ Ախր նա ասաց, որ ոչ ոք իրենով չի հետաքրքրվի, մինչդեռ արդեն երկրորդ մարդն էր մոտենում։ Եվս մի քիչ, և բոլորը ուշադրություն կդարձնեին, այստեղ գտնվելու համար բացատրությունը հետևյալն էր․ ինքը ձերբակալված է, ցանկանում է հաջորդ հարցաքննության ամսաթիվն իմանալ։ Սակայն հենց այդ բացատրությունը նա չէր ուզում տալ հատկապես այն պատճառով, որ դա ճշմարտանման չէր։ Միայն հետաքրքրությունից մղված էր նա եկել այստեղ կամ (սա հնարավոր չէր որպես բացատրություն մատուցել) ուզում էր ճշտել՝ արդյո՞ք դատարանը ներքուստ էլ է նույնքան զզվելի, որքան արտաքուստ։ Մի պահ թվաց, թե ինքը իրավացի է նման ենթադրության մեջ․ այլևս չէր ցանկանում առաջ գնալ, մինչև այստեղ հասնելը տեսածներից բավական նեղվել էր և հենց այս պահին ցանկություն չուներ կանգնել որևէ բարձրաստիճան պաշտոնյայի դիմաց, մինչդեռ նրանք կարող էին հայտնվել ցանկացած դռան հետևից։ Մենակ, թե կատարածու ուղեկցությամբ՝ նա այժմ հեռանալ էր ուզում։ Սակայն նրա լուռ կանգնել֊մնալը պետք է որ աչքի զարնող լիներ, որովհետև աղջիկն ու կատարածուն այնպես էին նայում նրան, կարծես հաջորդ պահին մի մեծ փոփոխություն էր կատարվելու, և նրանք չէին ուզում այդ պահը բաց թողնել։ Դռան բացվածքի մեջ կանգնել էր քիչ առաջ հեռու, կիսամութի մեջ ուրվագծված մարդը։ Նա ամուր բռնել էր ցածրիկ դռան հեծանից և անհամբեր հանդիսատեսի նման ճոճվում էր ոտնաթաթերի վրա։ Աղջիկը հենց առաջին հայացքից հասկացավ, որ թեթև տկարությունն է այդ վիճակի պատճառը և մի բազկաթոռ բերեց․
― Չէի՞ք ցանկանա նստել։
Կ֊ն նստեց անմիջապես և ավելի հարմար տեղավորվելու համար արմունկները հենեց արմնկակալներին։
― Երևի թեթև գլխապտույտ ունեք, այո՞,― հարցրեց աղջիկը։ Նա բավական մոտ էր կանգնած Կ֊ին, և Կ֊ն աղջկա դեմքի վրա լավ գծագրված խիստ արտահայտություն նկատեց, ինչպիսին լինում է ծաղկուն տարիքի որոշ կանանց մոտ։― Հոգ չտանեք։ Դրանում արտասովոր ոչինչ չկա։ Այստեղ առաջին անգամ եկող համարյա ամենք ոք նման նոպա ունենում է։ Դուք առաջին անգա՞մն եք այստեղ։ Այդ դեպքում արտասովոր ոչինչ չկա։ Արևը տաքացնում է տանիքի գերանները, և տաք փայտը ծանր ու հեղձուցիչ է դարձնում օդը։ Ձեղնահարկը, թեկուզ ինչքան էլ ձեռնտու լինի, գրասենյակների համար այնքան էլ հարմար չէ։ Ինչ վերաբերում է օդին, ապա ցերեկները՝ ընդունելության ծանրաբեռնված ժամերին, համարյա ամեն օր այդպես է, հազիվ է հնարավոր լինում շնչել։ Իսկ եթե պատկերացնեք նաև, որ թաց սպիտակեղենն էլ է այստեղ շարք֊շարք կախվում (ընդհանրապես դա հնարավոր չէ արգելել վարձակալներին), ապա չեք զարմանա, որ մի թեթև վատ զգացիք։ Ինչ ուզում է լինի, բոլորն էլ շատ լավ համակերպվում են օդին, և եթե երկրորդ անգամ այցելեք, այլևս ոչ մի ծանրություն չեք զգա։ Համեմատաբար լավ չե՞ք զգում Ձեզ։
Կ֊ն չպատասխանեց, որովհետև նրա համար չափազանց տհաճ էր հանկարծակի թուլության պատճառով այս մարդկանց ձեռքը հանձնված լինելը։ Բացի այդ, քանի որ իմացավ իր թուլության պատճառը, լավ զգալու փոխարեն փոքր֊ինչ ավելի վատացավ։ Աղջիկն իսկույն նկատեց փոփոխությունը, շնչելու թարմ օդ տրամադրելու համար ձեռքն առավ պատին հենած կեռաձողը, Կ֊ի գլխավերևում բացեց տանիքի դռնակը և ձողը ճոճեց դրսում։ Վերևից այնպիսի մրութ թափվեց, որ աղջիկն ստիպված էր շտապ ներքև քաշել դռնակը, և որովհետև իր մասին մտածելու համար Կ֊ն շատ էր հոգնած, թաշկինակով սրբեց նրա ձեռքերի մրուրը։ Կ֊ն հաճույքով նստած կմնար այստեղ, մինչև որ քայլելու համար բավական ուժ զգար իր մեջ, և հետո, որքան քիչ շուրջը պտտվեին, այնքան ավելի շուտ իրեն լավ կզգար։ Բայց ի լրումն այժմյան հոգատարության, աղջիկն ասաց․
― Դուք չեք կարող մնալ այստեղ։ Մենք խանգարում ենք անցուդարձին։― Կ֊ի հայացքը հարցնում էր, թե այստեղ ի՞նչ անցուդարձի են խանգարում իրենք։― Եթե ուզում եք, ես Ձեզ հիվանդասենյակ կտանեմ։ Օգնեք ինձ, խնդրում եմ,― դիմեց նա դռան մեջ կանգնած տղամարդուն․ վերջինս իսկույն մոտ եկավ։ Սակայն Կ֊ն հիվանդասենյակ գնալ չէր ուզում, նա ձգտում էր հենց ավելի խորքը տարվելուց խուսափել։ Ինչքան առաջ գնար, վիճակն, երևի, այնքան ավելի վատանար։
― Ես արդեն կարող եմ գնալ,― ասաց նա և դողացնելով (հարմար նստելուն սովորել էր) ոտքի կանգնեց, բայց չկարողացավ պահել իրեն։
― Դեռ այն չէ։― Գլուխն օրորելով ասաց նա և նորից սահեց բազկաթոռի մեջ։ Նա հիշեց կատարածուին․ չնայած ամեն ինչին, կատարածուն հանգիստ կկարողանար դուրս տանել իրեն, բայց, ինչպես երևում էր, նա արդեն վաղուց հեռացել էր։ Կ֊ն նայեց դիմացը կանգնած տղամարդու և աղջկա արանքից, սակայն չկարողացավ գտնել կատարածուին։
― Կարծում եմ,― խոսեց տղամարդը (ի դեպ, նա շատ նուրբ ճաշակով էր հագնված, հատկապես աչքի էր զարնում գորշ գույնի ժիլետը, որ ներքևում երկու երկար, սուր ծայրերով էր վերջանում),― կարծում եմ, որ պարոնի վատ զգալու պատճառը այստեղի օդն է, և ավելի լավ կլինի, նաև ճիշտ կլինի նրա համար, որ ոչ թե հիվանդասենյակ տանենք, այլ ընդհանրապես դուրս բերենք գրասենյակների տարածքից։
― Ա՛յդ է որ կա,― բացականչեց Կ֊ն և ուրախությունից ընդհատեց տղամարդուն։― Ես ինձ, իհարկե, անմիջապես լավ կզգամ, իրականում այնքան էլ թույլ չեմ, միայն պետք է, որ թևերիս տակ մտած մի փոքր տեղ տանեք։ Ձեզ շատ չեմ չարչարի, ճանապարհն էլ, ինչ խոսք, այնքան երկար չէ։ Թեկուզ մինչև դուռը տարեք։ Այնտեղ մի քիչ կնստեմ աստիճաններին և անմիջապես կհանգստանամ։ Ես նման նոպաներ չունեմ ընդհանրապես, նույնիսկ ինձ համար է սա անակնկալ։ Ախր, ես էլ եմ ծառայող և սովոր եմ գրասենյակի օդին, բայց այստեղ օդը շատ է ծանր։ Ինքներդ ասացիք։ Բարի եղեք, օգնեք մի փոքր։ Գլուխս պտտվում է, և վատ կզգամ, եթե մենակ ոտքի կանգնեմ։― Կ֊ն վեր քաշեց ուսերը, որ հեշտացնի անութներից բռնելը, սակայն տղամարդը չհետևեց խնդրանքին, այլ ձեռքերը շալվարի գրպանները դրած բարձրաձայն ծիծաղեց։
― Տեսա՞ք։― Աղջկան դիմեց նա։― Ես ճիշտ դուրս եկա։ Պարոնը միայն այստեղ է վատ զգում և ոչ թե ընդհանրապես։
Աղջիկը նույնպես ժպտաց, մատների ծայրով թեթևակի խփեց տղամարդու ձեռքին, կարծես վերջինս Կ֊ի հետ շատ սրամիտ կատակ էր արել։
― Բայց ի՞նչ եք կարծում։― Շարունակ ծիծաղելով ավելացրեց տղամարդը։― Ես իսկապես ուզում եմ պարոնին դուրս տանել։
― Այդ դեպքում՝ լավ։― Գեղեցիկ գլուխը մի պահ խոնարհելով ասաց աղջիկը։― Այնքան էլ կարևորություն մի տվեք ծիծաղին։― Այժմ արդեն Կ֊ին դիմեց նա։ Կ֊ն տխրել էր նորից ու, երևի բացատրության անհրաժեշտություն չզգալով, աչքերը հառել էր դիմացը։― Այս պարոնը, կարելի է, չէ՞, ներկայացնել Ձեզ։― Պարոնը ձեռքի շարժումով թույլ տվեց։― Ուրեմն, այս պարոնը խորհրդատու է։ Նա այցելուներին անհրաժեշտ տեղեկություներ է տալիս, և, որովհետև մեր դատական համակարգը բնակչության շրջանում այնքան էլ հայտնի չէ, շատ տեղեկություններ են պահանջվում։ Նա բոլոր հարցերին պատասխանում է։ Ցանկության դեպքում կարող եք մի անգամ փորձել։ Սակայն, միայն դա չէ նրա առավելությունը։ Երկորդ առավելությունը նրբաճաշակ զգեստն է։ Մենք, այսինքն՝ պաշտոնյաներս, մի անգամ կարծիք հայտնեցինք, որ նա, որովհետև միշտ առաջինն է շփվում այցելուների հետ, առաջին հաճելի տպավորության համար պետք է լավ հագնվի։ Մյուսներս՝ ինչպես, օրինակ, կարելի է իմ արտաքինից եզրակացնել, ցավոք, շատ վատ և հնաոճ ենք հագնված։ Դրանից բացի, իմաստ էլ չունի զգեստի համար որևէ բան օգտագործելը, որովհետև մենք շարունակ գրասենյակում ենք։ Նույնիսկ գիշերում ենք այստեղ։ Սակայն, ինչպես ասացի, մի անգամ անհրաժեշտ համարեցինք լավ հագցնել նրան, և, որովհետև ղեկավարությունից հնարավոր չէր նման բան ակնկալել (այս հարցում նրանք մի փոքր տարօրինակ են), հանգանակություն կազմակերպեցինք, այցելուներն էլ իրենց ավանդն ունեցան, և այս գեղեցիկ կոստյումն ու էլի մի քանի գեղեցիկ բան գնեցինք։ Թվում է, թե նա կարող է արդեն լավ տպավորություն թողնել, բայց իր ծիծաղով փչացնում է ամեն ինչ և դրանով էլ վախեցնում մարդկանց։
― Այդպես է,― ծաղրանքով ասաց պարոնը։― Սակայն չեմ հասկանում, օրիորդ, ինչո՞ւ եք մեր բոլոր ներգրասենյակային գործերը պարոնին պատմում կամ, ավելի ճիշտ՝ պարտադրում։ Նա բնավ չի ուզում իմանալ դրանք։ Նայեք հապա, ինչպես է բացառապես իր գործերով մտահոգված նստել։
Կ֊ն առարկելու ցանկություն չուներ։ Աղջկա մտադրությունը պետք էր որ լավը լիներ։ Նրա նպատակը գուցե Կ֊ի մտքերը ցրելն էր կամ նրան կենտրոնանալու հնարավորություն տալը, սակայն ձևը սխալ էր ընտրված։
― Ես պետք է բացատրեի Ձեր ծիծաղի պատճառը։ Դա հավանաբար վիրավորական է նրա համար։
― Կարծում եմ, նա ստիպված կլինի ավելի ծանր վիրավորանքներ ներել, եթե ես վերջապես դուրս տանեմ նրան։
Կ֊ն ոչինչ չասաց, ոչ մի անգամ վերև չնայեց, միայն համբերությամբ լսում էր, թե ինչպես էին երկուսը խոսում իր մասին․ ինքը կարծես առարկա լիներ։ Այդ բանը նրան նույնիսկ ավելի էր դուր գալիս։ Սակայն նա միանգամից տղամարդու ձեռքն իր մի թևին զգաց, աղջկա ձեռքը՝ մյուսին։
― Դե, ոտքի, թույլ մարդ,― ասաց տղամարդը։
― Շատ շնորհակալ եմ ձեզնից։― Հաճելիորեն անակնկալի եկած, ասաց Կ֊ն, դանդաղ բարձրացավ և իր ձեռքով նրանց ձեռքերը դրեց այնտեղ, ուր առավել չափով էր հենարանի կարիք զգում։
― Կարելի է կարծել,― երբ միջանցքին էին մոտենում, Կ֊ի ականջին ցածրաձայն ասաց աղջիկը,― թե հատկապես ինձ համար է կարևոր խորհրդատուին լավ լույսի տակ ներկայացնելը։ Ով ինչ ուզում է թող մտածի, ես ճշմարտությունն եմ ասել։ Նա այնքան էլ անսիրտ մարդ չէ։ Տկար այցելուներին դուրս տանելը նրա պարտականությունը չէ, բայց ինչպես տեսնում եք, անում է։ Մեզնից երևի ոչ ոք քարսիրտ չէ։ Մենք ցանկանում ենք բոլորին օգնել, բայց որովհետև դատարանում ենք աշխատում, ավելի շուտ այն տպավորությունն ենք թողնում, թե քարսիրտ ենք և ոչ մեկին չենք ուզում օգնել։ Ես ինձ վատ եմ զգում նման կարծիքներից։
― Չէ՞իք ցանկանա մի փոքր նստել այստեղ,― հարցրեց խորհրդատուն։― Նրանք արդեն միջանցքում էին և կանգնել էին հենց այն մեղադրյալի դիմաց, ում հետ Կ֊ն քիչ առաջ էր խոսել։ Կ֊ն համարյա ամաչում էր նրանից․ քիչ առաջ ուղիղ կանգնել էր նրա դիմաց, իսկ հիմա երկու հոգով են նրան պահում, մազերը խառնված էին և կախ էին ընկել քրտնաթոր ճակատին։ Խորհրդառուն չռած մատների վրա հավասարակշռում էր նրա գլխարկը։ Թվում էր, թե մեղադրյալը ոչինչ չի նկատում։ Նա հնազանդ կանգնել էր խորհրդառուի դիմաց (վերջինս հարևանցիորեն նրան էր նայում) և փորձում էր իր ներկայությունը ներելի դարձնել։
― Գիտեմ,― ասաց նա,― որ իմ միջնորդագրերի վավերացումը այսօր դեռ չի կարող տրվել, բայց ես, այնուամենայնիվ եկա, մտածելով, թե կարող եմ այստեղ սպասել։ Կիրակի է, ես ժամանակ ունեմ, այստեղ էլ ոչ մեկին չեմ խանգարի։
― Դուք չպետք է այդքան ներողամիտ լինեք,― ասաց խորհրդատուն։― Ձեր հոգածո վերաբերմունքը գովեստի է արժանի։ Դուք այստեղ իզուր տեղ եք գրավում, բայցևայնպես, չեմ ուզում խանգարել, որ հետևեք Ձեր գործի ընթացին այնքան ժամանակ, մինչև որ դա ինձ չձանձրացնի։ Եթե խայտառակ ձևով իրենց պարտականություններն անտեսող մարդիկ են պատահում, Ձեզ նման մարդկանց օրինակով ենք սովորում համբերություն ունենալ։ Նստեք։
― Տեսնում եք, ինչպես է նա կարողանում խոսել այցելուների հետ,― շշնջաց աղջիկը։ Կ֊ն գլխով արեց, սակայն իսկունևեթ վեր ցատկեց, երբ խորհրդատուն նորրից հարցրեց․
― Չէի՞ք ցանկանա նստել այստեղ։
― Ոչ։ Չեմ ուզում հանգստանալ։― Կ֊ն հնարավորին չափ կտրուկ մերժեց առաջարկը, մինչդեռ իրականում շատ լավ կզգար, եթե նստեր։ Նա ծովային հիվանդություն ունեցողի պես էր․ թվում էր, թե դժվարին նավարկություն կատարող նավի վրա է, թե ջուրը խփում է փայտե պատերին և, ինչպես տախտակամածի վրա փլվող ալիքից, միջանցքի խորքից աղմուկ֊շառաչ է լսվում, միջանցքը ճոճվում է լայնքով մեկ, իսկ նստած այցելուները երկու կողմից սուզվում֊ելնում են։ Ավելի անհասկանալի էր տղամարդու և աղջկա հանգիստ պահվածքը։ Ինքը նրանց ձեռքերում էր և, եթե բաց թողնեին, տախտակի նման կընկներ։ Նրանց փոքր աչքերը սուր հայացքներ էին նետում այսուայնկողմ, Կ֊ն, առանց համընթաց գնալու, զգում էր նրանց փոքր քայլերը, որովհետև ամեն հաջորդ քայլին նրանք համարյա թե տանում էին իրեն։ Վերջապես նա նկատեց, որ իր հետ են խոսում, բայց, միևնույն է, խոսքերը չէր հասկանում․ սոսկ աղմուկ էր լսվում, աղմուկ, որ լցրել էր ամեն ինչ և որի միջոցով շչակի նմանվող միօրինակ, բարձր ձայն էր լսվում։
― Ավելի բարձր։― Գլուխը կախ գցած, շշնջաց նա և ամաչեց, որովհետև գիտեր, որ ուղեկիցները, եթե անգամ իր համար անհասկանալի, ապա միևնույն է, բավական բարձր էին խոսում։
Վերջապես թարմ օդի հոսանք խփեց նրա դեմքին, թվաց, թե դիմացը բարձրացած պատը փլվեց։
― Նախ գնալ էր ուզում,― լսեց նա,― հետո, թեկուզ հարյուր անգամ էլ ասես, թե ելքը այստեղ է գտնվում, տեղից չի շարժվում։
Կ֊ն նկատեց, որ կանգնած է դուրս տանող դռան դիմաց, իսկ աղջիկը բաց է պահել այն։ Նրան թվաց, թե ազատությունը կանխաճաշակելու համար միանգամից վերագտավ բոլոր ուժերը, իսկույն կանգնեց աստիճանի վրա և այնտեղից հրաժեշտ տվեց իր կողմը կռացած տղամարդուն ու աղջկան։
― Շատ շնորհակալություն,― կրկնեց նա, մի անգամ ևս սեղմեց երկուսի ձեռքերը և միայն այն ժամանակ թողեց, երբ նկատեց, որ գրասենյակի օդին սովոր խորհրդատուն ու աղջիկը աստիճանների վրայից ներս խփող համեմատաբար թարմ օդին դժվարությամբ են դիմանում։ Նրանք հազիվ կարողացան պատասխանել․ աղջիկը երևի ներքև գլորվեր, եթե Կ֊ն արագ շարժումով չփակեր դուռը։ Հետո նա մի փոքր կանգնեց լուռ, գրպանի հայելու մեջ ուղղեց մազերը, վերցրեց հաջորդ հարթակին ընկած գլխարկը, որ երևի խորհրդատուն էր նետել, և այնպես թարմացած, երկար ցատկերով վազեց աստիճաններով ներքև, որ համարյա թե վախ զգաց այդ փոփոխությունից։ Նրա բավական կարգավորված առողջական վիճակը նախկինում նման անակնկալներ թույլ չէր տվել։ Քիչ առաջվա տկարությանը համեմատաբար առանց դժվարության դիմանալուց հետո մարմինը գուցե ապստամբել և նոր անակնկալ պատրաստել էր ուզում։ Նա չհրաժարվեց առաջին իսկ հնարավորության դեպքում բժշկի մոտ գնալու մտքից․ այդ հարցը կարող էր ինքնուրույն լուծել։ Այնուամենայնիվ, նա մտադիր էր հաջորդ կիրակի օրերը ավելի լավ անցկացնել, քան այս անգամ։
Ֆրոյլայն Բյուրստների ընկերուհին
Հետագա օրերին Կ֊ն ոչ մի կերպ չէր կարողանում թեկուզ մի քանի խոսք փոխանակել ֆրոյլայն Բյուրստների հետ։ Նա ամեն կերպ ցանկանում էր մոտենալ, սակայն ֆրոյլայն Բյուրստները անընդհատ կարողանում էր խափանել նրա ծրագրերը։ Կ֊ն գրասենակից անմիջապես գալիս էր տուն, առանց լույսը վառելու նստում էր սենյակում՝ բազմոցի, և նախասենյակը զննելուց բացի, ուրիշ ոչինչ չէր անում։ Եթե աղախինը սենյակի կողքով անցնելիս փակում էր դատարկ թվացող սենյակի դուռը, ապա քիչ անց նա վեր էր կենում ու նորից բացում։ Առավոտները սովորականից մի քանի ժամ շուտ էր արթնանում այն հույսով, որ կկարողանա առանձին հանդիպել ֆրոյլայն Բյուրստներին, երբ նա աշխատանքի գնալիս լինի, բայց բոլոր փորձերը ապարդյուն էին։ Հետո նա նամակ գրեց գրասենյակի ու բնակարանի հասեցներով, փորձեց արդարացնել իր արարքը, համաձայնեց ամեն մի հատուցման, խոստացավ երբեք չանցնել ֆրոյլայնին վայելուչ թվացող սահմանները և խնդրեց սոսկ խոսելու հնարավրություն տալ, որովհետև մինչև ֆրոյլայնի հետ չխորհրդակցեր, ոչինչ չէր կարողանա ձեռնարկել ֆրաու Գրուբախի հարցով։ Վերջում տեղեկացրեց, որ հաջորդ կիրակի, ամբողջ օրը իր սենյակում նստած, պատասխանի կսպասի, որ իր խնդրանքի իրականացումը որոշ հույս կտա կամ գոնե կբացատրի, թե ինչո՞ւ ֆրոյլայնը՝ թեև ինքը խոստանում է բոլոր հարցերում նրան ենթարկվել, չի կարող այդ խնդրանքը կատարել։
Նամակները չվերադարձվեցին, բայց պատասխանները նույնպես բացակայում էին։ Դրա փոխարեն կիրակի օրը մի դեպք տեղի ունեցավ, որ բավական պարզություն մտցրեց այդ պատմության մեջ։
Դեռ վաղ առավոտյան բանալու անցքից նայելով, Կ֊ն աշխուժություն նկատեց նախասենյակում։ Շուտով ամեն ինչ պարզվեց․ ֆրանսերենի մի ուսուցչուհի (ի դեպ, նա գերմանուհի էր, ազգանունը՝ Մոնթագ․ թուլակազմ, գունատ, թեթևակի կաղացող աղջիկ էր), որ մինչև կիրակի օրը առանջին սենյակում էր ապրում, տեղափոխվում էր ֆրոյլայն Բյուրստների մոտ։ Նրան ժամերով կարելի էր տեսնել միջանցքում քստքստացնելով քայլելիս։ Մի սպիտակեղեն, ծածկոց կամ որևէ գիրք մոռացվում էր շարունակ, և հարկ էր լինում հատուկ դրա համար գնալ ու նոր բնակարան տեղափոխել։ Երբ ֆրաու Գրուբախը նախաճաշ բերեց Կ֊ին (նրան այդպես զայրացնելուց հետո ֆրաու Գրուբախը աղախնին չէր թողնում ոչինչ անել և անձամբ էր սպասարկում), Կ֊ն չկարողացավ զսպել իրեն և հինգ օրվա ընթացքում առաջին անգամ խոսեց։
― Այս ի՞նչ աղմուկ է նախասենյակում։― Սուրճը լցնելով, հարցրեց նա։― Հնարավոր չէ՞ դադարեցնել։ Ի՞նչ է, պետք է հենց կիրակի օրո՞վ կարգի բերեն պանսիոնատը։― Կ֊ն թեև վեր չնայեց, բայց նկատեց, որ ֆրաու Գրուբախը կարծես թեթևացած շունչ քաշեց։ Կ֊ի նույնիսկ խիստ տոնով տրված հարցերը նա կամ ներում համարեց, կամ ներման սկիզբ։
― Պանսիոնատը չեն կարգի բերում, պարոն Կ․,― պատասխանեց նա։― Ֆրոյլայն Մոնթագը տեղափոխվել է ֆրոյլայն Բյուրստների մոտ և իրերն է բերում։― Ֆրաու Գրուբախը այլևս չխոսեց։ Նա սպասում էր, թե ինչպես կընդունի Կ֊ն այս նորությունը, և արդյոք թույլ կտա՞ խոսքը շարունակել, սակայն Կ֊ն նրան էր ստուգում, գդալով մտածկոտ խառնում էր սուրճը և լռում։
― Ֆրոյլայն Բյուրստների վերաբերյալ ունեցած Ձեր նախկին կասկածը փարատվե՞լ է։― Ֆրաու Գրուբախի կողմը նայելով հարցրեց Կ֊ն։
― Պարոն Կ․։― Բղավեց հենց այդ հարցին սպասող ֆրաու Գրուբախը և Կ֊ին պարզեց կնճռոտած ձեռքերը։― Մի քանի օր առաջ պատահաբար ասված նկատողությունն այնքան լուրջ եք ընդունել։ Ես, ախր, ամենահեռավոր ցանկությունն իսկ չեմ ունեցել Ձեզ կամ մեկ ուրիշին վիրավորել։ Ախր Դուք բավական ժամանակ ճանաչել եք ինձ, պարոն Կ․, որ կարողանայիք համոզված լինել դրանում։ Չեք պատկերացնում, թե ինչքան եմ տանջվել։ Ես զրպարտեցի իմ կենվորներին, իսկ Դուք, պարոն Կ․, հավատացիք ու հայտարարեցիք, թե կարող եմ լուծարքի ենթարկել Ձեր սենյակը։ Ձեր սենյակը լուծարքի ենթարկեմ։― Վերջին բացականչությունը արցունքների մեջ խեղդվեց։ Ֆրաու Գրուբախը գոգնոցը հպեց դեմքին ու բարձրաձայն փղձկաց։
― Մի լացեք, ֆրաու Գրուբախ։― Կ֊ն պատուհանից դուրս էր նայում և մտածում միայն ֆրոյլայն Բյուրստների ու այն մասին, որ նա օտար աղջիկ էր վերցրել իր սենյակը։― Լաց մի եղեք։― Մի անգամ ևս կրկնեց նա, երբ շուռ եկավ ու տեսավ, որ ֆրաու Գրուբախը լալիս է շարունակ։― Այն ժամանակ ես այնքան էլ վատ մտքով չասացի։ Մենք պարզապես սխալ հասկացանք իրար։ Ին ընկերների հետ անգամ կարող է նման բան պատահել։
Ֆրաու Գրուբախը աչքերից իջեցրեց գոգնոցը, որ համոզվի, թե Կ-ն իսկապե՞ս հաշտվել է։
― Իրոք այդպես է,― ասաց Կ֊ն և, ֆրաու Գրուբախի վերաբերմունքից համոզվելով, որ կապիտանը ոչինչ չի հայտնել, համարձակվեց շարունակել։― Դուք, ինչ է, իսկապե՞ս կարծում էիք, թե ես մի անծանոթ աղջկա պատճառով կարող եմ Ձեզ հետ թշնամանալ։
― Այդ է որ կա, պարոն Կ․։― Ասաց ֆրաու Գրուբախը։ Նրա դժբախտությունն այն էր, որ հենց փոքր֊ինչ ավելի ազատ էր զգում իրեն, անմիջապես մի անհաջող բան էր ասում։― Ես ինձ շարունակ հարց եմ տալիս․ ինչո՞ւ է պարոն Կ֊ն այդքան սրտամոտ ընդունում ֆրայլայն Բյուրստների մասին ասված խոսքերը։ Ինչո՞ւ է նրա պատճառով վիճում ինձ հետ, երբ գիտե, որ իրենից լսած ամեն մի ծանր բառը փախցնում է իմ քունը։ Ես, ախր, առանձնապես ոչինչ չասացի ֆրոյլայն Բյուրստների մասին, միայն իմ սեփական աչքերով տեսածն եմ ասել։
Կ֊ն ոչինչ չպատասխանեց։ Երևի հենց առաջին իսկ բառերից պետք է դուրս շպրտած լիներ այս կնոջը, սակայն չէր ուզում։ Բավարարվեց միայն սուրճը խմելով և ֆրաու Գրուբախի ներկայության ավելորդությունն զգացնել տալով։ Նախասենյակում նորից լսվեց շարունակ այսուայնկողմ շարժվող ֆրոյլայն Մոնթագի ոտքերի քստքստոցը։
― Լսո՞ւմ եք,― հարցրեց Կ֊ն և ցույց տվեց դուռը։
― Այո,― հառաչեց ֆրաու Գրուբախը։― Ես ցանկացա օգնել, աղախնին ևս պատվիրեցի, սակայն ֆրոյլայն Մոնթագը կամակոր է, ամեն ինչ ուզում է անձամբ տեղափոխել։ Զարմանում եմ ֆրոյլայն Բյուրստների վրա։ Երբեմն պատկերացնում եմ, որ ֆրոյլայն Մոնթագին եմ տրամադրել սենյակը, և նեղվում եմ, մինչդեռ ֆրոյլայն Բյուրստները նրան իր սենյակն է վերցնում։
― Դա բնավ չպետք է մտահոգի Ձեզ։― Կ֊ն գավաթի մեջ շաքարի մնացորդներն էր փշրում։― Կարո՞ղ է վնաս եք կրում դրանից։
― Ոչ, թող բարով գա։ Այդպես իմ մի սենյակն ազատ կմնա, և ես կկարողանամ իմ ազգականին՝ կապիտանին տեղավորել։ Երկար ժամանակ անհանգստանում էի, թե այս մի քանի օրը, երբ նա Ձեր սենյակի հարևանությամբ էր, կարող է հանկարծ խանգարեր Ձեզ։ Նա այնքան էլ չի՞ անհանգստացնում։
― Ինչ եք ասում։― Կ֊ն ոտքի ելավ։― Այդ մասին չի կարող խոսք իսկ լինել։ Երևում է Դուք գերզգայուն մարդու տեղ եք դնում ինձ, որովհետև այս պահին չեմ կարողանում դիմանալ ֆրոյլայն Մոնթագի պտույտներին։ Այ, հիմա նա կրկին հետ է գնում։
― Պարոն Կ․, ասե՞մ նրան, որ իրերի մի մասի տեղափոխումը հետաձգի։― Ֆրաու Գրուբախը խեղճացած տեսք ընդունեց։― Եթե ուզում եք անմիջապես ասեմ։
― Բայց նա պետք է տեղափոխվի՞ ֆրոյլայն Բյուրսնտերի սենյակը։
― Այո։― Ֆրաու Գրուբախը չէր հասկանում Կ֊ի ուզածը։
― Տեսնո՞ւմ եք։ Ուրեմն պետք է նաև իրերը տեղափոխի։― Ֆրաու Գրուբախը միայն գլխով արեց։ Այդ լուռ անօգնականությունը, որ արտաքուստ կամակորությունից բացի ոչինչ չէր նշանակում, ավելի գրգռեց Կ֊ին։ Նա սկսեց ետուառաջ քայլել սենյակում և, պատուհանից դուռը գնալ֊գալով, ֆրաու Գրուբախին զրկեց հեռանալու հնարավորությունից, ֆրաու Գրուբախը հավանաբար կուզենար հեռանալ։
Կ֊ն նորից դռան մոտ էր հասել, երբ դուռը թակեցին։ Աղախինն էր, հայտնեց, որ ֆրոյալայն Մոնթագը հաճույքով կցանկանար մի քանի բառ փոխանակել պարոն Կ֊ի հետ, ուստի խնդրում է նրան ճաշասենյակ գալ, ուր ինքը սպասում է արդեն։ Կ֊ն մտախոհ ականջ դրեց աղախնի խոսքերին, ապա համարյա ծաղրական հայացքով շուռ եկավ սարսափած ֆրաու Գրուբախի կողմը։ Այդ հայացքով նա կարծես ասում էր, թե ինքը վաղուց կանխատեսել է ֆրոյլայն Մոնթագի հրավերը, և որ այն լիովին համապատասխանում է կիրակնօրյա այս առավոտ ֆրաու Գրուբախի կենվորների՝ իրեն պատճառած տանջանքներին։ Նա աղախնին ետ ուղարկեց, պատասխանելով, որ իսկույն գալիս է, իսկ ինքը շորերը փոխելու մտադրությամբ մոտեցավ սնդուկին, և, ֆրաու Գրուբախի՝ ձանձրացնող ֆրոյլայն Մոնթագի հասցեին հանգած հոգոցներին ի պատասխան, խնդրեց միայն, որ նա հավաքի նախաճաշի սպասքը։
― Ախր Դուք ոչինչ չկերաք։
― Ա՛խ, մարդ աստծո, տարեք սպասքը, խնդրեմ,― բացականչեց Կ֊ն։ Նրան թվում էր, թե ամեն ինչում ֆրոյլայն Մոնթագի մատն է խառը և ամեն ինչ զզվելի է դարձնում։
Երբ Կ֊ն նախասենյակ դուրս եկավ, նայեց ֆրոյլայն Բյուրստների սենյակի փակ դռան կողմը։ Սակայն նրան այնտեղ չէին հրավիրել, այլ ճաշասենյակ, ուր և նա, առանց թակելու, մտավ։
Երկար, նեղ ճաշասենյակը մի պատուհան ուներ։ Այնտեղ այնքան տարածություն կար, որ դռան երկու կողքին՝ անկյուններում, մեկական նեղլիկ պահարան էր թեք դրված միայն, մնացած մասը զբաղեցրել էր դռան մոտից սկսվող և մինչև պատուհան հասնող երկար սեղանը, որ համարյա անհնար էր դարձնում պատուհանին մոտենալը։ Սեղանը պատրաստ էր արդեն, և որովհետև կիրակի օրը գրեթե բոլոր կենվորները այստեղ էին ճաշում, շատ մարդկանց էին նկատի ունեցել։ Երբ Կ֊ն ներս մտավ, ֆրոյլայն Մոնթագը պատուհանի մոտից՝ սեղանի մյուս կողմով, ընդառաջ եկավ։ Նրանք լուռ ողջունեցին միմյանց։
― Չգիտեմ, արդյոք Դուք ճանաչում եք ինձ։― Գլուխը շարունակ անսովոր կերպով ուղիղ պահած, խոսեց ֆրոյլայն Մոնթագը։ Կ֊ն կկոցեց աչքերը։
― Իհարկե,― ասաց նա։― Դուք, ախր, երկար ժամանակ է ֆրաու Գրուբախի մոտ եք բնակվում։
― Բայց ես կարծում էի, թե Դուք այնքան էլ շատ չեք զբաղվում պանսիոնատի հոգսերով։
― Ոչ։
― Չէի՞ք ցանկանա նստել։― Նրանք առանց խոսելու երկու աթոռ քաշեցին սեղանի ծայրում ու նստեցին դեմդիմաց։ Ֆրոյլայն Մոնթագը, սակայն, իսկույն վեր կացավ, գնաց պատուհանագոգին մոռացած պայուսակը բերելու և քստքստացնելով անցավ սենյակով մեկ։
― Ես կուզեի իմ ընկերուհու հանձնարարությամբ միայն ի քանի բան խոսել Ձեզ հետ։― Լուսամուտի մոտից հետ դառնալու ժամանակ պայուսակը թեթևակի ճոճելով ասաց նա։― Նա ինքն էր ցանկանում գալ, բայց այսօր այնքան էլ լավ չէր զգում իրեն։ Խնդրում եմ, ներեք նրան և փոխարենը ինձ լսեք։ Դժվար թե իմ ասելիք խոսքերից բացի, նա ուրիշ բան ուզենար հայտնել Ձեզ։ Ընդհակառակը, ինձ թվում է, թե ես կարող եմ ավելի շատ բան ասել, որովհետև համեմատաբար չեզոք մարդ եմ։ Այդպես չե՞ք կարծում։
― Իսկ ի՞նչ կա ասելու։― Կ֊ն արդեն հոգնել էր ֆրոյլայն Մոնթագի աչքերը շարունակ իր շուրթերին հառած տեսնելուց։ Դրանով իսկ ֆրոյլայն Մոնթագն արդեն իսկ իշխում էր նրա արտասանելիք բառերին։― Առանց այդ էլ երևում է, որ ֆրոյլայն Բյուրստները չի համաձայնել ինձ հետ անձամբ խոսելու խնդրանքին։
― Այդպես է կամ, ավելի ճիշտ, այդպես չէ բնավ։ Դուք շատ ավելի խիստ եք արտահայտվում, իսկ ընդհանրապես, անձամբ հանդիպելը ոչ հավանության է արժանացել, ոչ էլ մերժվել է։ Ձեր դիտողությունից հետո այժմ արդեն կարող եմ պարզ խոսել։ Դուք գրավոր թե բանավոր խնդրել էիք հանդիպել ընկերուհուս հետ, խոսել։ Ես ենթադրում եմ, որ իմ ընկերուհին առնվազն գիտե, թե ինչի մասին է լինելու խոսքը, այդ իսկ պատճառով (ես այդ պատճառները չեմ հասկանում) համոզված է, որ եթե հանդիպումը կայանա անգամ, ոչ ոքի օգուտ չի տա։ Ընդհանրապես նա միայն երեկ, և այն էլ մակերեսորեն, պատմեց կատարվածի մասին, ասաց, որ Ձեզ համար նույնպես զրույցը չի կարող կարևոր լինել, որովհետև պատահաբար եք նման մտքի հանգել, և ինքներդ էլ առանց որևէ բացատրության, եթե ոչ այժմ, ապա շատ շուտով, կհասկանաք այդ ամենի անիմաստությունը։ Ես ասացի, որ նա ճիշտ է, և որ ընդհանարպես պարզություն մտցնելու համար ձեռնտու եմ համարում որոշակի պատասխան տալը։ Այդ կապակցությամբ ես առաջարկեցի իմ թեկնածությունը։ Որոշ ժամանակ տատանվելուց հետո ընկերուհիս զիջեց։ Հուսով եմ, Ձեզ նույնպես դուր կգա իմ քայլը, քանզի ոչ այնքան կարևոր գործում ամենափոքր անճշտությունն անգամ տանջալի է միշտ, և եթե կարելի է Ձեր կասկածները հեշտուհանիգստ փարատել, ինչպես այս դեպքում, ապա ավելի լավ է, որ դա կատարվի հնարավորին չափ շուտ։
― Շնորհակալություն,― անմիջապես վրա բերեց Կ֊ն, դանդաղ վեր կացավ, նայեց ֆրոյլայն Մոնթագին, հայացքը սեղանի վրայով սահեցրեց պատուհանից դուրս (հանդիպակաց շենքը արևի լույսով էր ողողված) և քայլեց դեպի դուռը։ Ֆրոյլայն Մոնթագը կարծես լրիվ չէր վստահում նրան․ մի քանի քայլ գնաց նրա հետևից։ Սակայն դռան մոտ երկուսն էլ պետք է ետ քաշվեցին, որովհետև այն բացեց, և ներս մտավ կապիտան Լանցը։ Կ֊ն առաջին անգամն էր տեսնում նրան այդքան մոտիկից․ կապիտանը արևահարված, մսոտ դեմքով, մոտ քառասնամյա խոշոր տղամարդ էր։ Պարոն Լանցը թեթևակի խոնարհվելով ողջունեց (ողջույնը Կ֊ին էլ էր վերաբերում), հետո մոտեցավ ֆրոյլայն Մոնթագին և մեծարանքով համբուրեց նրա ձեռքը։ Կապիտանի շարժուձևերը շատ հմուտ էին։ Նրա ֆրոյլայն Մոնթագի հանդեպ ցուցաբերած քաղաքավարությունը ընդգծված ձևով տարբերվում էր Կ֊ի վարվելակերպից։ Չնայած դրան, չէր երևում, թե ֆրոյլայն Մոնթագը վատ է տրամադրված Կ֊ի հանդեպ, որովհետև, ինչպես թվաց, նա նույնիսկ ցանկացավ Կ֊ին ներկայացնել կապիտանին, սակայն Կ֊ն չէր ցանկանում ծանոթացած լինել։ Նա ի վիճակի չէր լինի բարեկամաբար տրամադրվել ոչ կապիտանի, ոչ էլ ֆրոյլայն Մոնթագի հանդեպ, իսկ ձեռքը համբուրելը, թվաց թե նրանց միավորեց այն խմբում, որ, թվացյալ անշահախնդրության ու անկողմնակալ լինելու քողի տակ, ֆրոյլալյն Բյուրստներին ետ էր պահում իրենից։ Կ֊ին թվաց, թե ոչ միայն նկատեց դա, այլև հասկացավ, որ ֆրոյլայն Մոնթագը լավ, համենայնդեպս երկսայրի միջոց է ընտրել։ Նա չափազանցում էր Կ֊ի և ֆրոյլայն Բյուրստների միջև եղած հարաբերության նշանակությունը, ամենից առաջ նա չափազանցնում էր հանդիպել֊խոսելու նշանակությունը, և, միաժամանակ, փորձում էր այնպես շուռ տալ, թե Կ֊ն է, որ չափազանցում է ամեն ինչ։ Նա սխալվում էր։ Կ֊ն ոչինչ չէր չափազանցում, որովհետև լավ գիտեր, որ ֆրոյլայն Բյուրստները ընդամենը մի աննշան մեքենագրուհի է և երկար չէր դիմադրի իրեն։ Միաժամանակ, նա դիտավորյալ հաշվի չէր առնում ֆրոյլայն Բյուրստների մասին ֆրաու Գրուբախի պատմածները։ Նա այդ էր մտածում, երբ, ողջույնին հազիվ պատասխանելով, դուրս ելավ սենյակից։ Նա ցանկացավ անմիջապես իր սենյակը գնալ, սակայն թիկունքում՝ ճաշասենյակից լսվող ֆրոյլայն Մոնթագի ծիծաղի ձայնը հանգեցրեց այն մտքին, որինքը թերևս երկուսին էլ՝ կապիտանին ու ֆրոյլայն Մոնթագին, կարող է անակնկալ մատուցել։ Նա շուրջը նայեց և ականջ դրեց․ արդյոք մոտակա սենյակներում գտնվող որևէ մեկը կարո՞ղ էր խանգարել իրեն։ Շուրջը լուռ էր, ճաշասենյակից լսվում էր զրուցողների ձայնը, իսկ խոհանոց տանող միջանցքում խոսում էր ֆրաու Գրուբախը։ Առիթը պատեհ էր թվում։ Կ֊ն մոտեցավ ֆրոյլայն Բյուրստների սենյակին և թույլ բախեց։ Ոչ մի ձայն չլսվեց, Կ֊ն նորից բախեց, բայց նորից պատասխան չկար։ Ֆրոյլայն Բյուրստները քնա՞ծ էր արդյոք, իրո՞ք իրեն լավ չէր զգում, թե՞ որովհետև պատկերացնում էր, թե միայն Կ֊ն էր կարող կամաց բախել դուռը, զլանում էր ձայն հանել։ Կ֊ն ենթադրեց, թե ֆրոյլայնը զլանում է, և ավելի ուժեղ բախեց։ Թակելը ոչ մի արդյունք չտվեց, և նա զգուշորեն բացեց դուռը։ Միաժամանակ նա ավելորդ ու անարդարացի բան արած լինելու զգացում ուներ։ Սենյակում ոչ ոք չկար։ Ի դեպ, այն այլևս նման չէր նախկինում Կ֊ի տեսած սենյակին․ այժմ պատի մոտ երկու մահճակալ էր դրված, դռան մոտի երեք բազկաթոռները զգեստներով ու սպիտակեղենով էին ծանրաբեռնված, պահարաններից մեկի դռները բաց էին։ Ֆրոյլայն Բյուրստները հեռացել էր, հավանաբար, երբ ֆրոյլայն Մոնթագը ճաշասենյակում Կ֊ին էր համոզում։ Դա Կ֊ին շատ չշփոթեցրեց․ նա ևս չէր սպասում, թե կարող է ֆրոյլայն Բյուրստներին այդպես հեշտ տեսնել, և նրա այս քայլը միայն կապված էր ֆրոյլայն Մոնթագին հակառակվելու ցանկության հետ։ Սակայն Կ֊ի համար առավել տհաճ էր, երբ ֆրոյլայն Բյուրստների սենյակի դուռը փակելու ժամանակ տեսավ ճաշասենյակի դռան մեջ կանգնած զրուցող ֆրոյլայն Մոնթագին ու կապիտանին։ Նրանք գուցե կանգնած էին եղել այդպես, երբ Կ֊ն բացել էր դուռը, և ցույց չէին տվել, թե հետևում են Կ֊ին․ ցածրաձայն զրուցում էին և այնպես անտարբեր էին հետևում Կ֊ի շարժումներին, ինչպես սովորաբար զրուցելու ժամանակ են մարդիկ իրենց շուրջը դիտում։ Կ֊ն, սակայն, զգաց նրանց հայացքների ծանրությունը և պատի երկայնքով շտապեց անցնել իր սենյակը։
Գանահարողը
Մի քանի օր անց, երեկոյան, երբ Կ֊ն անցնում էր գլխավոր աստիճանները իր գրասենյակից բաժանող միջանցքով (այս անգամ նա համարյա վերջինն էր տուն գնում, միայն առաքման գրասենյակումծառայողներից երկուսը դեռ աշխատում էին փոքր լամպի լույսի տակ), դռներից մեկի հետևում հառաչանքներ լսեց։ Նա թեև անձամբ չէր նայել, բայց միշտ ենթադրել էր, թե այնտեղ խորդանոցն է։ Նա զարմացած կանգ առավ և պարզելու համար՝ արյդո՞ք ինքը չի շփոթել, մի անգամ էլ ականջ դրեց․ որոշ ժամանակ լուռ էր, սակայն հետո, իսկապես հառաչանքներ լսվեցին։ Կ֊ն սկզբում ցանկացավ ծառաներից մեկին կանչել, որովհետև հետո կարող է վկայի անհրաժեշտությւոն լիներ, սակայն հաջորդ պահին այնպիսի անզուսպ հետաքրքրասիրությամբ համակվեց, որ անմիջապես բացեց դուռը։ Սենյակն, իրոք, խորդանոց էր։ Օգտագործման համար անպետք, հին տառանիշերը, թանաքի դատարկ, բերանքսիվայր շուռ տված կավե շշերը ընկած էին շեմի ետևում։ Երեք հոգի կռացած կանգնել էին խորդանոցի ցածրիկ սրահում, դարակներից մեկին ամրացված մոմը լուսավորում էր նրանց։
― Ի՞նչ եք անում այստեղ։― Հուզմունքից աճապարելով, սակայն ցածրաձայն հարցրեց Կ֊ն։
Դռանն ավելի մոտ կանգնած տղամարդը (նա, ինչպես երևում էր, իշխում էր մյուս երկուսին) հագել էր անորոշ մուգ գույնի կաշվե զգեստ, որ թևերը և պարանոցը մինչև կուրծքը մերկ էր թողնում։ Նա ոչինչ չպատասխանեց, մինչդեռ մոյուս երկուսը բղավեցին․
― Պարո՛ն, դու մեզնից գանգատվել ես քննիչի և այդ պատճառով մեզ պետք է ծեծեն։
Միայն այդ ժամանակ Կ֊ն նկատեց, որ կանգնածները պահակներն էին՝ Ֆրանցն ու Վիլլեմը, իսկ երրորդ մարդու ձեռքում, որ ուզում էր նրանց ծեծել, մտրակ կար։
― Ախր ես չեմ գանգատվել,― հայացքը պահակներին հառելով ասաց Կ֊ն,― այլ միայն պատմել եմ սենյակումս տեղի ունեցածի մասին։ Իսկ դուք, ինչպես գիտեք, անբասիր չէիք պահում ձեզ։
― Պարո՛ն,― ասաց Վիլլեմը, մինչդեռ նրա թիկունքում կանգնած Ֆրանցը ակնհայտորեն փորձում էր պաշտպանվել երրորդ մարդուց։― Եթե գիտենայիք, թե ինչքան վատ ենք վարձատրվում, ավելի լավ կարծիքի կլինեիք մեր մասին։ Ես ընտանիք պետք է կերակրեմ, Ֆրանցն ամուսնանալ է ուզում, մարդիկ հնարավոր բոլոր միջոցներով փորձում են հարստանալ, միայն թե ազնիվ աշխատանքով դա չի հաջողվում, թեկուզ եթե կաշվիցդ դուրս գաս։ Ձեր նուրբ սպիտակեղենը գայթակղեց ինձ։ Ճիշտ որ անիրավացի է, պահակներին արգելվում է այդպես վարվել, սակայն կարգն այդպես է, սպիտակեղենը պահակներին է պատկանում, և, հավատացեք ինձ, միշտ այդպես է եղել։ Ինքնին հասկանալի է․ ձերբակալված լինելու դժբախտությունն ունեցած մարդու ինչի՞ն է պետք սպիտակեղենը։ Բայց եթե ձերբակալվածը բարձրաձայն պատմի կատարվածի մասին, ապա պահակները անխուսափելիորեն պատիժ կկրեն։
― Այն, ինչ հիմա եք ասում, ես չեմ իմացել և բնավ չեմ պահանջել, որ պատժեն ձեզ։ Ինձ համար կարևորը սկզբունքն էր։
― Ֆրանց,― մյուս պահակին դիմեց Վիլլեմը,― չէ՞ի ասում, որ պարոնը չի պահանջել պատժել մեզ։ Լսեցի՞ր, նա նույնիսկ չի իմացել, որ հետո պատժելու են մեզ։
― Սրանց խոսքերից մի հուզվիր։― Կ֊ին դիմեց գանահարողը։― Պատիժը նույնքան արդար է, որքան և անխուսափելի։
― Մի լսիր նրան,― խոսեց Վիլլեմը և ձայնը կտրեց, որ մտրակի հարված ստացած ձեռքը բերանը տանի,― մեզ պատժում են միայն, որովհետև դու ես բողոքել մեզնից։ Թե չէ ոչինչ չէր պատահի, եթե անգամ մյուսներն էլ իմանային մեր արածը։ Բա էլ ո՞ւր մնաց արդարադատությունը։ Մենք երկուսով՝ հատկապես ես, պահակ աշխատելիս երկար ժամանակ արդարացրել ենք մեզ վրա դրված հույսերը։ Դու ինքդ պետք է խոստովանես, որ, իշխանությունների ցուցումների համաձայն, լավ ենք հսկել քեզ։ Առաջ գնալու լավ հեռնակար ունեինք և շուտով երևի այս մարդու նման, գանահարող դառնայինք։ Սրա բախտը բերել է, ժամանակին ոչ մի բողոք չի ստացվել իր հասցեին։ Բողոքի փաստերը, իսկապես, շատ հազվադեպ են։ Իսկ հիմա, պարոն, ամեն ինչ կորած է, մեր կարիերան վերջացավ։ Այժմ ստիպված կլինենք պահակությունից ավելի ցածր աշխատանքներ կատարել, ու, դեռ մի բան էլ վրադիր, պետք է այս սարսափելի, ցավեցնող պատիժը կրենք։
― Մտրակն իրոք ցավեցնո՞ւմ է այդպես։― Կ֊ն ստուգեց դիմացը ճոճվող մտրակը։
― Մենք ախր լրիվ մերկանալու ենք։
― Ահա թե ինչ։― Կ֊ն ուշադիր նայեց գանահորողին, որ նավաստու նման արևահարված էր, թարմ ու վայրի դիմեք ուներ։― Հնարավոր չէ՞ այս երկուսին խնայել։
― Ոչ,― գանահարողը ժպտալով օրորեց գլուխը և պահակներին հրամայեց․― հանեք շորերդ։ Դու չպետք է սրանց ամեն մի խոսքին հավատաս։― Նորից Կ֊ին դիմեց նա։― Ծեծվելու վախից սրանք արդեն փոքր֊ինչ թուլամիտ են դարձել։ Օրինակ,― նա ցույց տվեց Վիլլեմին,― ինչ սա պատմեց իր հնարավոր կարիերայի մասին, անկեղծ ասած, չափից դուրս ծիծաղելի է։ Տես, թե ինչ ճարպոտն է։ Մտրակի առաջին հարվածները ընդհանրապես ճարպաշերտի մեջ կկորչեն։ Իսկ գիտե՞ս, թե որտեղից նրան այդքան ճարպ։ Բոլոր ձերբակալվածների նախաճաշը խժռելու սովորություն ունի։ Քո նախաճաշն էլ չկերա՞վ։ Տեսա՞ր, ասացի, չէ՞։ Իսկ նման որովայն ունեցող մարդը երբեք չի կարող գանահարող դառնալ։ Բացառված բան է։
― Ինձ նման գանահարողներ էլ կան,― շալվարի գոտին արձակելով պնդրեց Վիլլեմը։
― Ոչ։― Գանահարողը մտրակն այնպես քսեց Վիլլեմի պարանոցին, որ սա ցնցվեց։― Դու պետք է ոչ թե ականջ դնես, այլ հանվես։
― Ես լավ կվարձատրեմ քեզ, եթե բաց թողնես սրանց։― Ասաց Կ֊ն, և առանց գանահարողեին նայելու, հանեց դրամապանակը․ նմանատիպ գործարքներն ավելի լավն են լուծվում, երբ երկու կողմն էլ ներքև հառած հայացքներով են կանգնում։
― Դու հաստատ մտադիր ես ինձ էլ մատնել և ծեծ ուտել տալ։ Ո՛չ, ո՛չ։
― Խոհեմ եղիր։ Եթե այս երկուսի պատժվելը ցանկանայի, նրանց համար փրկագիին չէի տա, կարող էի պարզապես փակել դուռը, չէի ուզենա տեսնել, լսել շարունակությունը և տուն կգնայի։ Բայց ինչպես տեսնում ես, չեմ անում, որովհետև ինձ համար իսկապես կարևոր է սրանց ազատ արձակելը։ Եթե ես պատկերացում իսկ ունենայի, թե սրանք կարող է կամ պետք է պատժվեն, երբեք չէի հայտնի անունները։ Ես նրանց նույնիսկ մեղավոր չեմ համարում։ Մեղավոր է կազմակերպությունը, մեղավոր են բարձր պաշտոնյաները։
― Այդպես է,― բղավեցին պահակներն ու իկսույն մեկական հարված ստացան մերկ մեջքներին։
― Եթե մտրակի տակ ավելի բարձաստիճան մի դատավոր լիներ,― խոսելիս Կ֊ն ներքև իջեցրեց կրկին վեր բարձրացող մտարկը,― ես, ճիշտն ասած, չէի խանգարի, որ ծեծեիր նրան։ Ընդհակառակը, նույնիսկ փող կտայի, որ այդ լավ գործի համար ուժ հավաքեիր։
― Քո ասածները հավաստի են հնչում, բայց ես թույլ չեմ տա, որ կաշառես ինձ։ Իմ գործը ծեծելն է, ես կծեծեմ։
Ֆրանցը, որ Կ֊ի միջամտության լավ ելքի ակնկալումով մինչև հիմա բավական դանդաղ էր հանվել և շալվարը դեռ հագին էր, մոտեցավ դռանը, ծունկի գալով կախվեց Կ֊ի ձեռքից ու շշնջաց․
― Եթե չկարողանաս երկուսիս համար ներողամտություն կորզել, փորձիր գոնե ինձ ազատել։ Վիլլեմն ինձնից տարիքով է և, ըստ ամենայնի, պակաս դյուրազգա։ Դրանից բացի, մի քանի տարի առաջ նա մի անգամ արդեն թեթևակի պատժվել է, մինչդեռ ինձ դեռ չեն ծեծել։ Միայն նրա պատճառով եմ պարժվելու, որովհետև լավ և վատ արարքների հարցում շարունակ նա է եղել իմ ուսուցիչը։ Ներքևում՝ բանկի դիմաց, մեր դուրս գալուն է սպասում իմ խեղճ հարսնացուն։ Ես սարսափելի ամաչում եմ։― Նա Կ֊ի պիջակի փեշերով չորացրեց իր արցունքոտ դեմքը։
― Այլևս չեմ կարող սպասել,― ասաց գանահարողը, երկու ձեռքով բռնեց մտրակն ու, մինչ Վիլլեմը կծկված, առանց գլուխն իսկ շարժել համարձակվելու կանգնել էր մի անկյունում և նայում էր գողունի, ձաղկեց Ֆրանցին։ Լսվեց Ֆրանցի չմասնատված ու միօրինակ աղաղակը, և թվաց, թե մարդ չէր աղաղակողը, այլ տանջահարվող մի գործիք։ Միջանցքը ծայրեծայր թնդաց աղաղակից․ երևի ողջ շենքը լսեց։
― Մի՛ բղավիր,― բացականչեց Կ֊ն։ Նա չկարողացավ զսպել իրեն և, երբ լարված նայում էր ծառաների գալու հնարավոր ուղղությամբ, ոչ այնքան ուժեղ, բայց բավական թափով խփեց Ֆրանցին, վերջինս խելքը թռցրած ընկավ ու սկսեց անպետք իրերի մեջ չանգռել հատակը։ Սակայն նա չխուսափեց հարվածներից․ անգամ հատակին ընկած ժամանակ մտրակը գտնում էր նրան, և երբ նա թավալվում էր հատակին, մտրակի լեզվակը կանոնավոր վերուվար էր ճախրում։ Նույն պահին միջանցքի հեռու ծայրում մի ծառա երևաց, նրանից մի քանի քայլ հեռու՝ երկրորդը։ Կ֊ն արագ վրա էր խփել դուռը, մոտեցել բակ նայող պատուհաններից մեկին և բացել։ Աղաղակը չէր լսվում այլևս։
― Ես եմ այստեղ,― բացականչեց նա՝ չցանկանալով ծառաներին թույլ տալ ավելի մոտենալ։
― Բարի երեկո, պարոն հավատարմատար,― արձագանքեցին ծառաները։― Որևէ բա՞ն է պատահել։
― Ոչ, ոչ։ Բակում մի շուն էր ոռնում։ Դուք կարող եք ձեր գործին գնալ,― ավելացրեց նա, երբ տեսավ, որ ծառաները չշարժվեցին տեղերից։
Նրանց հետ զրույցի չբռնվելու համար Կ֊ն լուսամուտից դուրս կախվեց, և, երբ քիչ անց նորից միջանցքի կողմը շրջվեց, նրանք արդեն հեռացել էին։ Սակայն Կ֊ն մնաց պատուհանի մոտ․ նա չէր համարձակվում մոտենալ խորդանոցին, չէր ուզում նաև տուն գնալ։ Բակը՝ ուր Կ֊ն էր նայում, փոքր էր, չորս կողմից պարփակված գրասենյակային սարհաներով։ Բոլոր պատուհանները մութ էին այս ժամին, միայն վերևի հարկերում էր արտացոլվում լուսինը։ Կ֊ն հայացքը լարելով փորձեց նայել դեպի բակի մութ անկյունը, ուր մի քանի ձեռնասայլակներ էին իրար վրա դարսված։ Նրան տանջում էր այն միտքը, որ չկարողացավ կասեցնել ծեծը, սակայն անհաջողությունը իր մեղքով չէր։ Եթե Ֆրանցը չաղաղակեր, շատ հնարավոր է, որ Կ֊ն գանահարողին համոզելու որևէ միջոց գտներ։ Իհարկե, հնարավոր է, որ հարվածը շատ ցավ պատճառած լիներ, սակայն վճռական պահերին մարդ պետք է ինքնիրեն տիրապետի։ Եթե բոլոր ենթակա պաշտոնյաներն էին ստահակներ, ինչո՞ւ պետք է հենց գանահարողը, որի գործը ամենաանմարդկայինն էր, բացառություն կազմեր։ Կ֊ն շատ լավ տեսավ, թե ինչպես դրամանիշների տեսքից պսպղացին նրա աչքերը, և հասկանալի է, որ միայն կաշառքի գումարը մի փոքր էլ մեծացնելու համար նա անդրդվելի մնաց։ Կ֊ն իրոք չէր վարանի, նրա համար իսկապես կարևոր էր պահակներին ազատելը․ եթե արդեն սկսել էր այս դատավարության ապիկարության դեմ պայքարել, ապա ինքնին հասկանալի է, որ այս կողմից էլ էր ձեռնամուխ լինելու։ Սակայն Ֆրանցի աղաղակելու պահին ամեն ինչ անդառնալոիորեն կորավ։ Կ֊ն չէր կարող թույլ տալ, որ ծառաները, հնարավոր է՝ նաև ուրիշ մարդիկ, գային և խորդանոցի հասարակության հետ բանակցելու ժամանակ անակնկալի բերեին իրեն։ Նման ինքնազոհաբերություն, իրոք, ոչ ոք չէր կարող պահանջել նրանից։ Եթե նա մտադիր լիներ այդպես վարվել, ինչ խոսք, ավելի հեշտ կլիներ, եթե անձամբ հաներ շորերը և պահակների տեղակ իր մարմինը առաջարկեր գանահարողին։ Ի դեպ, վերջինս հազիվ թե համաձայներ փոխանակմանը, որովհետև առանց որևէ բան շահած լինելու, ծանր խախտում կատարած կլիներ, և, հավանաբար, կրկնակի խախտում թույլ տար, որովհետև քանի դեռ Կ֊ն հարցաքննության տակ էր, պետք է դատարանի բոլոր պաշտոնյաների համար անձեռնմխելի մնար։ Իմիջիայլոց, հնարավոր է, որ այս հարցում ուրիշ որոշումներ էին ուժի մեջ։ Ինչ ուզում է լիներ, Կ֊ն, դուռը փակելուց բացի, ուրիշ ոչինչ չէր կարող անել․ նույնիսկ դրանով ոչ ամեն վտանգ էր նրա համար բացառվում։ Որ ինքը Ֆրանցին խփեց, ցավալի էր, և կարելի էր միայն իր հուզված վիճակով բացատրել։
Կ֊ն հեռվից լսեց ծառաների ոտնաձայները։ Նրանց համար աննկատ մնալու համար նա փակեց պատուհանը և գնաց գլխավոր աստիճանների ուղղությամբ։ Խորդանոցի դռան մոտ մի պահ կանգ առավ և ականջ դրեց։ Լուռ֊լուռ էր։ Գանահարողը գուցե ծեծելով սպանել էր ամբողջովին իր ձեռքը տրված պահակներին։ Կ֊ն ձեռքը խորդանոցի դռան բռնակին մեկնեց, բայց կրկին ետ քաշեց․ այլևս ոչ ոքի չէր կարողանա օգնել, մինչդեռ ծառաները ուր որ է կգային։ Սակայն նա երդվեց, որ այս մասին դեռ խոսք կբացի և իսկական մեղավորներին՝ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից ոչ ոք առայժմ չէր համարձակվել երևալ Կ֊ի աչքերին, ուժերի ներածի չափով արժանի պատիժ կտա։ Բանկի գլխավոր մուտքով դուրս գալուց նա ուշադիր զննում էր անցորդներին, սակայն նույնիսկ հեռու֊հեռվում հնարավոր չէր որևէ մեկին սպասող աղջկա տեսնել։ Ֆրանցի խոսքերը, թե հարսնացուն ներքևում իրեն է սպասում, գուցեև ներելի, բայց սուտ դուրս եկան․ դրանց նպատակը երևի միայն ավելի մեծ կարեկցանք արթնացնելն էր։
Պահակների մասին միտքը հաջորդ օրը նույնպես չլքեզ Կ֊ին։ Աշխատանքի ժամանակ նա ցրված էր և, ցրվածությունը հաղթահարելու համար, հարկ եղավ նախորդ օրվանից ավելի երկար մնալ գրասենյակում։ Երբ տուն գնալուց նորից անցավ խորդանոցի կողքով, կարծես ըստ սովորության, բացեց դուռը։ Այն, ինչ տեսավ սպասված խավարի փոխարեն, նորից հավասարակշռությունից հանեց նրան։ Նախորդ երեկոյի համեմատությամբ ոչ մի փոփոխություն չկար ներսում․ տառանիշերը և թանաքամանները շեմի ետևում էին, գանահարողը կանգնել էր մտրակը ձեռքին, պահակները կիսով չափ մերկացած էին, մոմը դարակին էր դրված։ Պահակները նորից սկսեցին բղավել ու կանչել․
― Պարոոո՝ն․․․
Կ֊ն իսկույն վրա դրեց դուռը և հարվածեց բռունցքներով․ կարծես այդպես ավելի ամուր կփակեր։ Համարյա լաց լինելով, նա վազեց պատճենահանող մեքենայի վրա աշխատող ծառաների մոտ։ Վերջիններս՝ մի պահ զարմացած, դադարեցին գործը։
― Վերջապես մաքրեք խորդանոցը,― բղավեց Կ֊ն։― Մենք ախր խեղդվում ենք աղբի մեջ։
Ծառաները պատրաստակամություն հայտնեցին հաջորդ օրն իսկ անել այդ գործը։ Կ֊ն գլխով արեց։ Թեև նա մտադրվել էր անհապաղ մաքրել տալ խորդանոցը, սակայն հասկացավ, որ այս ուշ երեկոյան ծառաներին չի կարող ստիպել֊աշխատեցնել։ Նրանց որոշ ժամանակ իր մոտ պահելու համար նա նստեց, մի քանի պատճեն խառնեց, մտածեց, որ դրանով կարող է այն տպավորությունը թողնել, թե ստուգում է, և որովհետև զգաց, որ ծառաները չեն համարձակվի իր հետ հեռանալ, հոգնած, մեխանիկորեն տուն գնաց։
ՔԵՌԻՆ։ Լեննին
Մի անգամ, ճաշից հետ (փոստի հետ կապված աշխատանքների վերջում Կ֊ն խիստ զբաղված էր) փաստաթղթերը բերող երկու ծառաների արանքից ներս խցկվեց Կ֊ի քեռին՝ գյուղական փոքր կալվածատեր Կարլը։ Նրան տեսնելով Կ֊ն ավելի քիչ սարսափեց, քան վախեցել էր գալու մասին երկար ժամանակ ի վեր համակած մտքերից։ Մոտ մի ամիս առաջ արդեն Կ֊ն հաստատ գիտեր, որ քեռին գալու է։ Արդեն այն ժամանակ նրան թվում էր, թե տեսնում է քեռուն․ փոքր֊ինչ կռացած, ձախ ձեռքում ճզմված պանաման, աջ ձեռքը դեռ հեռվից ընդառաջ պարզած, ոչ մի բանի վրա ուշադրություն չդրաձնելով, փութով առաջ է մեկնում գրասեղանի վրայով, իր ճամփին ամեն ինչ շուռ տալով։ Նա միշտ շտապում էր, նրան շարունակ հալածում էր այն տարաբախտ միտքը, թե մի օրով մայրաքաղաք գալու ժամանակ պետք է կարողանա նախատեսած ամեն ինչ իրականացնել և, դրանից բացի, իրավունք չունի զրույցի, գործարքի մեջ մտնելու կամ վայելքի պատահաբար ստեղծված որևէ առիթ ձեռքից բաց թողնելու։ Միաժամանակ Կ֊ն, որ պարտական էր իր երբեմնի խնամակալին, պետք է հնարավոր ամեն ինչում սատար լիներ նրան և գիշերելու տեղ տրամադրեր իր մոտ։ «Գյուղի ուրվական»՝ սովորաբար այսպես էր անվանում նա քեռուն։ Ողջույնից անմիջապես հետո քեռին խնդրեց առանձին զրուցել։ Նա ժամանակ չուներ և մերժեց Կ֊ի՝ թիկնաթոռին նստելու առաջարկը։
― Անհրաժեշտ է։― Դժվարությամբ թուքը կուլ տալով, արտաբերեց նա։― Ինձ հանգստացնելու համար է անհրաժեշտ։
Կ֊ն ծառաներին դուրս ուղարկեց և պատվիրեց ոչ ոքի ներս չթողնել։
― Այդ ի՞նչ եմ իմացել, Յոզեֆ։― Երբ արդեն մենակ էին, բացականչեց քեռին, նստեց սեղանին և ավելի հարմար տեղավորվելու համար տարբեր թղթեր խցկեց տակը՝ առանց դրանց բովանդակությանը նայելու։
Կ֊ն լռեց։ Նա գիտեր ինչ է լինելու, սակայն լարված աշխատանքից հետո մի պահ թուլանալով, տրվեց հանկարծահաս հաճելի մի հոգնածության և նայեց պատուհանից դուրս՝ փողոցի դիմացի կողմը։ Նստած տեղից փողոցի միայն եռանկյուն հատվածն էր երևում և, երկու խանութների ցուցափեղկերի արանքում՝ դատարկ պատերի մի մասը։
― Պատուհանից ես նայում։― Ձեռքերը բարձրացրած բացականչեց քեռին։― Աստծո սիրուն, Յոզեֆ, պատասխանիր ախր, ինձ ճի՞շտ են ասել։ Մի՞թե ճիշտ է։
― Սիրելիդ իմ քեռի,― սթափվեց Կ֊ն,― չգիտեմ, թե ի՞նչ ես ուզում ինձանից։
― Յոզե՛ֆ։― Քեռու խոսելու տոնը նախազգուշացնող էր։― Ինչքան գիտեմ, դու միշտ ճշմարտախոս ես եղել։ Քո վերջին խոսքերը պետք է որպես վատ նշա՞ն ընդունեմ։
― Կռահում եմ ինչ ես ուզում,― հնազանդ ասաց Կ֊ն։― Հավանաբար լսել ես դատավարության մասին։
― Այդ է որ կա,― գլուխն օրորելով, դանդաղ հաստատեց քեռին։― Ես իմացել եմ քո դատավարության մասին։
― Իսկ ումի՞ց։
― Էռնան էր գրել։ Թեև ձեր միջև ոչ մի կապ չկա (ցավոք, դու այնքան էլ հոգ չես տանում նրա մասին), բայց նա գրել էր։ Ես այսօր ստացա նամակը և իսկույն եկա։ Այստեղ հայտնվելուս համար ուրիշ ոչ մի պատճառ չկա, սակայն կարծես թե սա էլ պակաս պատճառ չէ։ Կարող եմ կարդալ նամակի քեզ վերաբերող հատվածը։― Նա հանեց նամակը։― Ահա թե ինչ է գրում․ «Վաղուց է, չեմ տեսել Յոզեֆին։ Անցած շաբաթ բանկ գնացի, բայց նա այնքան զբաղված էր, որ ինձ ներս չթողեցին։ Համարյա մի ժամ սպասեցի ընդունարանում, հետո տուն գնացի, որովհետև դաշնամուրի պարապմունք ունեի։ Ես հաճույքով կուզեի խոսել նրա հետ։ Երևի մոտ օրերս հարմար առիթ գտնվի։ Իմ ծննդյան օրվա կապակցությամբ նա շոկոլադի մեծ տուփ էր ուղարկել․ նրա այդ ուշադրությունը շատ հաճելի էր։ Ես մոռացել էի գրել այդ մասին և միայն այժմ՝ Ձեր հարցը կարդալով, հիշեցի։ Պետք է ասեմ, որ պանսիոնում շոկոլադը իսկույն բաժան֊բաժան է արվում։ Հազիվ է մարդ գլխի ընկնում, որ իրեն շոկոլադ են նվիրել, երբ այն անհետանում է իսկույն։ Յոզեֆի մասին մի բան ևս կուզենայի ասել։ Ինչպես ասացի, բանկում ինձ չթողեցին նրա մոտ գնալ, որովհետև նա ինչ֊որ մի պարոնի հետ էր բանակցում։ Որոշ ժամանակ հանգիստ սպասելուց հետո, ծառաներից մեկին հարցրի՝ արդյոք բանակցությունը երկա՞ր է տևելու։ Նա ասաց, որ, հնարավոր է, այս, քանզի խոսքը հավանաբար պարոն հավատարմատարի դեմ հարուցված դատի մասին է։ Ես զարմացա, թե՝ ի՞նչ դատ։ Գուցե նա սխալվո՞ւմ է։ Նա ասաց՝ ոչ, ինքը չի սխալվում։ Գործ է հարուցվել և այն էլ շատ ծանր գործ, իսկ ավելի մանրամասն ոչինչ չի կարող ասել։ Ինքը ևս մեծ ցանկություն ունի օգնել հավատարմատարին, որովհետև նա լավ ու արդարամիտ պարոն է, սակայն չգիտե, թե ինչպես կարող է ձեռնամուխ լինել, և միայն կուզենար, որ ազդեցիկ մարդիկ իրենց ձեռքը վերցնեին գործը։ Որ այդպես կլինի, և ի վերջո գործը լավ ավարտ կունենա, հաստատ է, առայժմ, սակայն, պարոն հավատարմատարի տրամադրությունից դատելով, գործն այնքան էլ հաջող չէ։ Այս խոսքերին ես, իհարկե, այնքան էլ կարևորություն չտվեցի, փորձեցի նաև միամիտ ծառային հանգստացնել, արգելեցի մյուսներին ևս այդ մասին պատմել և բարբաջանք համարեցի լսածս։ Այնուամենայնիվ, լավ կլիներ, եթե դու, սիրելի հայր, քո հաջորդ այցելության ժամանակ հետամուտ լինեիր գործին, քանզի քեզ համար հեշտ կլինի ընդհուպ մինչև մանրամասները տեղեկանալ և, եթե անհրաժեշտ լինի իրոք, քո ծանոթների լայն ու ազդեցիկ շրջանների օգնությամբ միջոցներ ձեռնարկել։ Իսկ եթե հանկարծ օգնությունն անհրաժեշտ չլինի (մի բան, որ ամենահավանականն է), գոնե դստերդ հնարավորություն կտաս քեզ շուտ գրկելու, և իմացիր, որ դա շատ կուրախացնի նրան»։ Լավ երեխա է։― Նամակը կարդալուց հետո ասաց քեռին և սրբեց աչքերում հայտնված մի քանի կաթիլ արցունքը։ Կ֊ն գլխով արեց։ Տհաճությունների պատճառով նա լրիվ մոռացել էր Էռնային, նույնիսկ ծննդյան օրն էր մոռացել, իսկ շոկոլադի մասին պատմության նպատակն այն էր, որ քեռու և քեռակնոջ մոտ պաշտպաներ իրեն։ Նամակը շատ հուզիչ էր, նա ուզում էր այսօրվանից սկսած կանոնավոր կերպով թատրոնի տոմսեր ուղարկել Էռնային, սակայն թատրոնի տոմսերով Էռնան այնքան էլ հատուցված չէր լինի, իսկ պանսիոնատ այցելելու և տասնութամյա գիմնազիստուհու հետ զրուցելու համար Կ֊ն այս օրերին իրեն այնքան էլ ընդունակ չէր համարում։
― Ի՞նչ կասես այժմ։― Նամակը կարծես մոռացնել էր տվել քեռու շտապողականությունն ու հուզմունքը, և թվում էր, թե նա վերընթերցում է այն։
― Այո, քեռի, ճիշտ է։
― Ճիշտ է։ Ի՞նչն է ճիշտ։ Ինչպե՞ս կարող է ճիշտ լինել։ Ի՞նչ դատավարություն։ Հո քրեական գործ չէ՞։
― Քրեական է։
― Քրեական գործը վզիդ, հանգիստ նստել ես այստեղ։― Քեռու ձայնը գնալով բարձրանում էր։
― Ինչքան հանգիստ լինեմ, այնքան ավելի լավ՝ ելքի համար։― Հոգնած ասաց Կ֊ն։― Մի վախեցիր։
― Դա չի կարող հանգստացնել ինձ, Յոզեֆ։ Սիրելի Յոզեֆ, մտածիր քո մասին, բարեկամներիդ, մեր անվան մասին։ Առայսօր դու մեր պարծանքն ես եղել և իրավունք չունես մեր խայտառակությունը դառնալ։ Քո դիրքորոշումը ինձ դուր չի գալիս։― Նա գլուխը կողքի թեքած նայեց Կ֊ին։― Ոչ մի անմեղ մեղադրյալ, որ դեռ ուժ է զգում իր մեջ, այդպես չի վարվի։ Ասա ինձ, միայն արագ, բանն ի՞նչ է, որ կարողանամ օգնել քեզ։ Գործը հաստատ բանկի հետ է կապված։
― Ոչ։― Կ֊ն վեր կացավ տեղից։― Սակայն դու շատ բարձր ես խոսում, քեռի։ Ծառան հավանաբար դռան մոտ կանգնել, ականջ է դնում։ Դա հաճելի չէ ինձ։ Արի, ավելի լավ է, գնանք այստեղից։ Հետո ես, ինչքան հնարավոր է, կպատասխանեմ քո հարցերին։ Ես շատ լավ գիտեմ, որ հաշվետու եմ ընտանիքին։
― Իրոք որ,― բացականչեց քեռին։― Շատ ճիշտ է։ Շտապիր միայն, Յոզեֆ, արագացրու։
― Միայն մի քանի հանձնարարություն տամ,― ասաց Կ֊ն ու հեռախոսով սենյակ կանչեց իր տեղակալին։ Մի քանի վայրկյան անց նա եկավ։ Հուզված դրության մեջ քեռին ձեռքով ցույց տվեց, որ Կ֊ն է պատվիրել կանչել նրան (տեղակալը չէր էլ կասկածում)։ Գրասեղանի դիմաց կանգնած Կ֊ն սառը, բայց ուշադիր ունկնդրող երիտասարդին ցածր ձայնով, երբեմն֊երբեմն տարբեր փաստաթղթերի օգնությանը դիմելով, բացատրեց, թե իր բացակայության ժամանակ դեռ ինչ պետք է արվի այսօր։ Քեռին խանգարում էր։ Սկզբում նա կանգնել էր աչքերը լայն բացած ու ջղային կծկումներով շուրթերն էր կծոտում։ Թեև նա ականջ չէր դնում, սակայն նրա շարժումներն արդեն բավական խանգարում էին։ Հետո նա սկսեց սենյակում հետ ու առաջ քայլել․ մեկ կանգ էր առնում պատուհանի դիմաց, մեկ՝ որևէ նկարի, դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ նմանատիպ բացականչություններ էին լսվում․
― Ոչինչ չեմ հասկանում։
― Ինձ միայն ասա՝ ի՞նչ է ստացվելու այդ ամենից։
Երիտասարդը ձևացրեց, թե ոչինչի չի նկատում, մինչև վերջ հանգիստ լսեց Կ֊ի հանձնարարությունները, մի քանի նշումներ արեց և, Կ֊ին ու նրա քեռուն խոնարհվելուց հետո (վերջինս մեջքով շուռ եկավ, լուսամուտից դուրս էր նայում ու առաջ պարզած ձեռքերի մեջ վարագույրները ճմրթում), գնաց։ Հազիվ էր դուռը փակվել, քեռին բացականչեց։
― Վերջապե՜ս գնաց այդ խրտվիլակը։ Հիմա կարող ենք մենք էլ գնալ։ Վերջապե՜ս։
Ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէր քեռուն ստիպել, որ միջանցքում դատավարության մասին հարցեր չտա։ Այսուայնտեղ մի քանի պաշտոնյաներ ու ծառաներ էին խմբված կանգնել, տնօրենի տեղակալը կտրեց֊անցավ նախասրահը։
― Դե, Յոզեֆ։― Սկսեց քեռին այն ժամանակ, երբ Կ֊ն կանգնածների խոնարհվելուն թեթև ողջույնով էր պատասխանում։― Այժմ պարզ ասա, ի՞նչ դատավարություն է դա։
Կ֊ն մի քանի աննշան նկատողություն արեց, մի փոքր ծիծաղեց և միայն աստիճանների վրա բացատրեց քեռուն, որ մարդկանց ներկայությամբ ինքը չէր ուզում խոսել։
― Ճիշտ է։ Իսկ այժմ ասա։― Գլուխը խոնարհած, սիգարը արագ֊արագ ծխելով, քեռին պատրաստվեց ականջ դնել։
― Ամենից առաջ, քեռի, խոսքը սովորական դատարանում լսվող դատավարության մասին չէ։
― Վատ է։
― Ինչպե՞ս։― Կ֊ն աչքերը հառեց քեռուն։
― Ասում եմ, որ շատ վատ է,― կրկնեց քեռին։ Նրանք կանգնել էին փողոցի վրա բացվող ճակատամուտքի մոտ։ Քանի որ թվաց, թե բարապանը ականջ է դնում, Կ֊ն քեռու հետ փողոց իջավ, և աշխույժ երթևեկությունը կլանեց նրանց։ Մինչ այդ Կ֊ից կառչած քեռին առաջվա պես չէր հետաքրքրվում դատավարությունով․ նրանք որոշ ժամանակ նույնիսկ լուռ քայլեցին։
― Բայց ինչպե՞ս եղավ,― հարցրեց քեռին ու այնպես անսպասելի կանգ առավ, որ նրանց հետևից եկող մարդիկ վախեցած հետ քաշվեցին։― Նման բաներն, ախր, հանկարծակի չեն լինում։ Դրանք երկար ժամանակ նախապատրաստվում են։ Դրանց համար պետք է որ նախանշաններ լինեին։ Ինչո՞ւ չես գրել։ Դու գիտես, որ քեզ համար ամեն ինչ կանեմ, ես ախր ինչ֊որ չափով քո խնամակալն եմ դեռ և մինչև այժմ հպարտ եմ եղել դրանով։ Ես, իհարկե, այսօր էլ կօգնեմ, միայն թե այժմ, երբ դատավարությունը ընթացքի մեջ է, շատ դժվար է։ Համենայնդեպս, ավելի լավ կլինի, եթե կարճատև արձակուրդ վերցնես և մեզ մոտ՝ գյուղ գաս։ Դու մի փոքր նիհարել ես․ միայն այժմ նկատեցի։ Գյուղում կկազդուրվես, լավ կլինի։ Քեզ, անշուշտ, շատ դժվարություններ են սպասում։ Դրանից բացի, ինչ֊որ չափով կկտրվես դատավարությունից։ Այստեղ նրանք ազդելու բոլոր հնարավոր միջոցներն ունեն և անհրաժեշտության դեպքում կիրառում են քո դեմ, մինչդեռ եթե գյուղում լինես, ստիպված կլինեն նախ մարդ ուղարկել կամ կփորձեն նամակով, հեռագրով ու հեռախոսով տեղյակ պահել։ Թեև դու չես ազատվի նրանցից, բայց այդ քայլ հնարավորություն կտա թուլացնել ազդեցությունը և ազատ շնչելու հնարավորություն կտա քեզ։
― Նրանք կարող են արգելել ինձ քաղաքից հեռանալ։― Քեռու խոսքերը մի փոքր ազդել էին Կ֊ի վրա։
― Չեմ կարծում, որ այդպես կվարվեն,― մտախոհ ասաց քեռին։― Քո հեռանալը չի թուլացնի նրանց ազդեցությունը։
― Ես մտածում էի,― Կ֊ն բռնեց քեռու թևատակից ու չթողեց, որ նա կանգնի,― թե դու այս ամենին ինձնից պակաս կարևորություն կտաս, մինչդեռ այժմ այնքան ծանր ես ընդունում։
― Յոզեֆ,― բացականչեց քեռին, ուզեց պոկվել զարմիկի ձեռքից, որ նորից կարողանա կանգնել, բայց Կ֊ն չթողեց։― Դու առաջվանը չես։ Դու, ախր, միշտ խելամիտ ես եղել և եհնց այժմ է բանականությունը լքում քեզ։ Ի՞նչ է, ուզում ես դատը տանո՞ւլ տալ։ Գիտե՞ս, թե ի՞նչ է նշանակում դա։ Դա նշանակում է, որ դու պարզապես կջնջվես, և որ բոլոր բարեկամներիդ քեզ հետ կքաշես կամ ցեխի մեջ մտցնելու աստիճան կնվաստացնես։ Յոցե՛ֆ, տիրապետիր քեզ։ Քո անտարբերությունը խելագարեցնում է ինձ։ Քեզ նայողը ակամա ուզում է հավատալ «Այդ գործն սկսողը հենց սկզբից էր տանուլ տվել» ասացվածքին։
― Սիրելիդ իմ քեռի, հուզմունքն այնքան ավելորդ է այստեղ։ Հիմա դու ես հուզված, բայց կարող է ես էլ հուզվեմ։ Զգացմունքներին տրվելով հնարավոր չէ դատը շահել։ Տեսնում ես, որ ես միշտ, հիմա նույնպես, շատ եմ հարգում քո խորհուրդները (թեև նրանք ինձ անակնկալի են բերում), բայց թույլ տուր, որ մի տեղ էլ իմ գիտեցածով շարժվեմ։ Քանի որ ասում ես, թե դատավարության պատճառով նաև ընտանիքն է անախորժության մեջ ընկնելու (ճիշտն ասած, այդ բանը չեմ կարող պատկերացնել, բայց դա այնքան էլ կարևոր չէ), ապա ուզում եմ ամեն ինչում քո խոսքերին հետևել։ Միայն թե գյուղ մեկնելը՝ թեկուզ ըստ քո ասածի, ձեռնտու չեմ համարում, որովհետև դա կնշանակի մեղավոր լինելու փաստը ընդունել ու փախուստի դիմել։ Դրանից բացի, չնայած այստեղ ինձ ավելի շատ են հետևում, քան եթե գյուղում լինեմ, սակայն այստեղ կարող եմ անձամբ հետևել գործին։
― Ճիշտ է։― Այնպիսի տոնով հաստատեց քեռին, կարծես այժմ վերջապես սկսել էին միմյանց հասկանալ։― Ես առաջարկեցի, որովհետև ինձ թվաց, թե այստեղ մնալով քո անտարբերությամբ կվնասես գործին, և մտածեցի, որ ավելի լավ է, քո փոխարեն ես գործի անցնեմ։ Իսկ եթե ուզում ես սեփական ուժերով ընթացք տալ գործին, դա, ինչ խոսք, ավելի լավ է։
― Այդ հարցում, ուրեմն, մենք համամիտ ենք,― ասաց Կ֊ն։― Իսկ այժմ որևէ առաջարկ ունե՞ս, թե ինչ եմ անելու հետո։
― Ես, իհարկե, նախ պետք է մի լավ մտածեմ գործի մասին։ Հիշիր, որ արդեն քսան տարի անընդմեջ գյուղում եմ ապրել և դատական գործերում իմ հոտառությունը տեղի է տվել։ Նման գործերում ավելի լավ կողմնորոշվող անձնավորությունների հետ ունեցած կարևոր կապերը ինքնըստինքյան թուլացել են։ Ինքդ էլ գիտես, որ գյուղում ես փոքր֊ինչ մեկուսացած եմ ապրել․ դա միայն նման առիթների դեպքում է նկատվում։ Թեև Էռնայի նամակից որոշ բաներ կանխագուշակում էի արդեն և այսօր քեզ տեսնելուց հետո համարյա թե համոզվեցի, այնուամենայնիվ, քո գործը ինձ համար մասամբ անակնկալ էր։ Սակայն դա էական չէ։ Այժմ ամենակարևորը ժամանակ չկորցնելն է։
Դեռ խոսելու ժամանակ քեռին ոտնաթաթերի վրա կանգնած, նշան արեց մեքենաներից մեկին և Կ֊ին իր հետևից մեքենայի մեջ քաշելու հետ մեկտեղ ինչ֊որ հասցե հայտնեց վարորդին։
― Հիմա կգնանք փաստաբան Հուլդի մոտ։ Նա իմ դասընկերն է եղել։ Երևի լսե՞լ ես այս անունը։ Ո՞չ։ Զարմանալի է։ Նա դատապաշտպանի ու աղքատների փաստաբանի մեծ համբավ է վայելու․ իսկ ես նրան վստահում եմ որպես մարդու։
― Ինչպես ուզում ես, վարվիր։ Ես չեմ առարկում,― ասաց Կ֊ն, թեև քեռու գործելու շտապ և անհետաձգելի կերպը անհաճո զգացում էր պատճառում․ որպես մեղադրյալ՝ աղքատների փաստաբանին դիմելու մեջ ուրախացուցիչ ոչինչ չկար։― Չգիտեի, որ նման գործերում կարելի է նաև փաստաբանի ներգրավել։
― Ինչ խոսք,― զարմացավ քեռին։― Ինքնին հասկանալի է։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Այժմ պատմիր ինձ ամեն ինչ, որ կատարվել է մինչև այսօր։ Ես ուզում եմ գործին լավ իրազեկ լինել։
Կ֊ն սկսեց առանց որևէ բան թաքցնելու պատմել։ Նրա կատարյալ անկեղծությունը միակ բողոքն էր, որ կարող էր թույլ տալ իրեն՝ ի հակադրում քեռու տեսակետի․ դատավարությունը խայտառակություն է։ Միայն մեկ անգամ, այն էլ թեթևակի, նա հիշտակեց ֆրոյլայն Բյուրստների անունը, սակայն դա ստվեր չգցեց նրա անկեղծության վրա, որովհետև ֆրոյլայն Բյուրստները ոչ մի առնչություն չուներ դատավարության հետ։ Պատմելու ժամանակ նա մեքենայի լուսամուիտց դուրս էր նայում և նկատեց, որ մոտեցան հենց այն արվարձանին, ուր դատարանի գրասենյակներին էին գտնվում։ Նա քեռու ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա, սակայն քեռին համընկնումը այնքան էլ արտառոց չհամարեց։ Մեքենան կանգնեց մի մութ տան դիմաց։ Քեռին անմիջապես սեղմեց առաջին տան զանգը ու, մինչ սպասում էին, ժպտալով կրճտացրեց խոշոր ատամները և շշնջաց․
― Ժամը ութն է։ Դատական գործ ունեցողների այցելության համար անսովոր ժամ է, սակայն Հուլդը չի նեղանա ինձնից։
Դռան դիտանցքի մեջ երկու խոշոր, սև աչքեր երևացին, մի կարճ պահ զննեցին հյուրերին և անհետացան, բայց դուռը չբացվեց։ Քեռին և Կ֊ն փոխադարձաբար հաստատեցին միմյանց կարծիքները, որ տեսան զննող աչքերը։
― Նոր աղախին է, անծանոթներից վախենում է։― Կարծիք հայտենց քեռին ու նորից բախեց։ Աչքերը նորից հայտնվեցին։ Այժմ նրանց արտահայտությունը կարելի էր նույնիսկ տխուր համարել, սակայն դա երևի խաբկանք էր, որ առաջացել էր Կ֊ի և քեռու գլխավերևում՝ շատ մոտիկ, թշշալով այրվող, բայց քիչ լույս տվող գազի անլապտեր բոցից։
― Բացեք,― ձայն տվեց քեռին և բռունցքով բախեց դուռը։― Մենք պարոն փաստաբանի ընկերներն ենք։
― Պարոն փաստաբանը հիվանդ է։― Թիկունքում շշնջաց ինչ֊որ մեկը։
Փոքրիկ մուտքի հակառակ ծայրում, դռան մեջ կանգնել էր քնազգեստ հագած մի պարոն․ շշնջացողը նա էր։ Այդքան երկար սպասելը քեռուն կատաղեցնում էր արդեն։ Նա թափով շրջվեց ու բղավեց․
― Հիվա՞նդ։ Ասացիք հիվա՞նդ է,― հարցրեց նա ու սպառնալիք տեսքով քայլեց դեպի պարոնը, կարծես նա լիներ հիվանդությունը։
― Դուռը բաց է արդեն։― Պարոնը ցույց տվեց փաստաբանի դուռը, հավաքեց քնազգեստի փեշերն ու անհետացավ։ Դուռն, իսկապես, բաց էր։ Սպիտակ, երկար գոգնոց կապած մի ջահել աղջիկ կանգնել էր նախասենյակում և ձեռքի մոմով լուսավորում էր։ Կ֊ն ճանաչեց դիտանցքից նայող մուգ, փոքր֊ինչ դուրս պրծած աչքերը։
― Հաջորդ անգամ շուտ կբացեք։― Բարևի փոխարեն ասաց քեռին, երբ աղախինը՝ ծունկը թեթևակի ծալելով, ողջունեց։― Արի, Յոզեֆ։― Կանչեց նա աղջկա կողքով դանդաղ առաջ շարժվող Կ֊ին։
― Պարոն փաստաբանը հիվանդ է։― Հայտնեց աղջիկը, որովհետև քեռին առանց կանգ առնելու շտապեց դռներից մեկի կողմը։ Կ֊ն աղջկան էր նայում նաև այն ժամանակ, երբ վերջինս դուռը փակելու համար շուռ էր եկել․ նա տիկնիկի կլոր դեմք ուներ, ոչ միայն գունատ այտերն ու դունչն էին կլոր եզրագծվում, այլև նաև քունքերն ու ճակատը։
― Յոզեֆ։― Կրկին ձայն տվեց քեռին ու դիմեց աղախնին։― Սի՞րտն է ցավում։
― Կարծում եմ, այո,― պատասխանեց աղջիկը։ Նա հասցրել էր մոմը բռնած առաջ անցնել ու բացել սենյակի դուռը։ Սենյակի մի անկյունում, ուր դեռ չէր թափանցել մոմի լույսը, երկար մորուքով մեկը բարձրացավ անկողնու մեջ։
― Այդ ո՞վ է գալիս, Լեննի,― հարցրեց փաստաբանը։ Մոմի լույսը նրա աչքերին էր ընկել ու թույլ չէր տալիս ճանաչել հյուրերին։
― Ալբերտն է, քո հին ընկերը։
― Ա՜խ, Ալբերտ։― Փաստաբանը ետ ընկավ, կարծես այս այցելության հանդեպ կեղծելու ոչ մի անհրաժեշտություն չկար։
― Վիճակդ իրո՞ք այդքան վատ է։― Հարցրեց քեռին և նստեց մահճակալին եզրին։― Չեմ կարծում։ Սա քո սրտի նոպաներից մեկն է և մյուսների նման կանցնի։
― Հնարավոր է,― կամաց խոսեց փաստաբանը։― Բայց սա մյուսներից ավելի ծանր է։ Դժվարությամբ եմ շնչում, բնավ չեմ կարողանում քնել և օրըստօրե ավելի ուժասպառ եմ լինում։
― Այդպես։― Խոսեց քեռին և գլխարկը խոշոր ձեռքով ամուր սեղմեց ծնկին։― Վատ լուրեր են։ Ի դեպ, քեզ լա՞վ են խնամում։ Այստեղ այնպես տխուր ու մութ է։ Ահագին ժամանակ է անցել, ինչ վերջին անգամ այս սենյակում եմ եղել․ այն ժամանակ տունն ավելի բարետես էր թվում։ Նաև քո այս փոքրիկ ֆրոյլայնն է ոչ այնքան ուրախ երևում։ Թե՞ ձևանում է։
Աղջիկը մոմը ձեռքին առաջվա պես կանգնել էր դռան մոտ և, որքանով որ նրա անորոշ հայացքն էր թույլ տալիս ենթադրել, ավելի շուտ Կ֊ին էր նայում, քան քեռուն, թեև վերջինս նրա մասին էր խոսում։ Կ֊ն մի բազկաթոռ էր քաշել աղջկան մոտ ու հենվել էր դրան։
― Ինձ նման հիվանդին հանգիստ է հարկավոր,― ասաց փաստաբանը և կարճ դադար տալուց հետո ավելացրեց։― Լեննին լավ է խնամում։ Ապրի նա։
Սակայն փաստաբանի խոսքեր չէին կարող համոզել քեռուն։ Նա բացահայտորեն վատ էր տրամադրվել աղախնի նկատմամբ, ու թեև ոչնչով չառարկեց հիվանդին, բայց խիստ հայացքներով հետևեց աղախնին, երբ վերջինս մոտեցավ անկողնին, մոմը դրեց մահճակալի կողքի սեղանիկին, հիվանդի վրա կռացավ ու բարձն ուղղելու ժամանակ նրա հետ շշուկներ փոխանակեց։ Քեռին կարծես դադարեց ուշադրություն դարձնել հիվանդին, ոտքի կանգնեց, սկսեց աղախնի թիկունքում ետուառաջ քայլել, և Կ֊ին թվաց, թե չի զարմանա, եթե քեռին մեջքի կողմից բռնի աղախնի շորերն ու քաշի անկողնից։ Կ֊ն հանգիստ հետևում էր։ Փաստաբանի հիվանդությունը նրան այնքան էլ անցանակլի չէր․ այս գործում քեռու ձեռնարկած ջանքերին նա չէր կարող հակադրվել և հաճույքով էր հետևում այն անհաջողությանը, որ, առանց իր մասնակցության, մատնվում էին քեռու ջանքերը։
― Ֆրոյլայն,― երևի միայն աղախնին վիրավորելու մտադրությամբ խոսեց քեռին։― Խնդրում եմ, որոշ ժամանակով մենակ թողեք մեզ։ Իմ ընկերոջ հետ քննարկելու նեղանձնական գործ ունեմ։
Աղախինը, որ ավելի խորն էր կռացել հիվանդի վրա և պատի կողմում սավանն էր ուղղում, միայն գլուխը շրջեց։
― Ինքներդ եք տեսնում։ Պարոնն այնքան հիվանդ է, որ չի կարող ոչ մի նեղանձնական գործ քննարկել։― Աղախինը շատ հանգիստ պատասխանեց, և նրա պատասխանը շատ տարբերվեց զայրույթից կակազող, հետո նորից սահուն խոսող քեռու խոսքերից։ Նա հավանաբար միայն հաճույքի համար կրկնեց քեռու խոսքերը (զրույցին անմասն մարդու դա կարող էր նաև ծաղրական թվալ), մինչդեռ քեռին՝ խոցվածի նման, իհարկե, վեր թռավ։
― Անիծյալ արարած։― Հուզմունքի անմիջական ազդեցության տակ, չգիտես ինչու բացականչեց քեռին։ Կ֊ն կարկամեց․ թեև նման բան սպասում էր, բայց երկու ձեռքով քեռու բերանը փակելու ցանկությամբ շտապեց նրա կողմը։ Բարեբախտաբար, աղջկա թիկունքում բարձրացավ հիվանդը։ Քեռու մթնած դեմքից կարելի էր ենթադրել, թե նա ինչ֊որ զզվելի բան կուլ տվեց ու հետո՝ արդեն ավելի հանգստացած, ավելացրեց․
― Մենք, ինչ խոսք, դեռ խելքներս չենք կորցրել։ Եթե իմ պահանջը անհնարին լիներ, ես ոչինչ չէի ասի։ Խնդրում եմ, գնացեք այժմ։
Աղախինը՝ դեմքով դեպի քեռին շուռ եկած, ուղիղ կանգնեց մահճակալի մոտ և, ինչպես Կ֊ին թվաց, մի ձեռքով շոյում էր փաստաբանի ձեռքը։
― Լեննիի ներկայությամբ կարող ես ամեն ինչ պատմել։― Համառ խնդրանքի տոնով խոսեց փաստաբանը։
― Խոսակցությունն ինձ չի վերաբերում,― պատասխանեց քեռին։― Դա իմ գաղտնիքը չէ։― Նա այնպես շուռ եկավ, կարծես այլևս մտադիր չէր բանակցությունների մեջ մտնել, բայց դիմացինին մտածելու կարճ ժամանակ տրամադրում էր դեռ։
― Իսկ ո՞ւմ է վերաբերում։― Մարող ձայնով խոսեց փաստաբանը և պառկեց նորից։
― Իմ զարմիկին։ Նա այստեղ է, ինձ հետ։ Հավատարմատար Յոզեֆ Կ․։― Ներկայացրեց քեռին։ Ի պատասխան, փաստաբանը ավելի աշխույժ «օհ» արեց և ձեռքը մեկնեց Կ֊ին։
― Ներեցեք, խնդրեմ։ Ես չէի նկատել Ձեզ։ Լեննի, գնա,― դիմեց նա աղջկան և, կարծես երկար ժամանակով էր հրաժեշտ տալիս, պարզեց ձեռքը։ Այս անգամ աղախինը այլևս չառարկեց։
― Ուրեմն դու,― վերջապես քեռուն դիմեց փաստաբանը․ քեռին իր հերթին նույնպես խաղաղվել էր և մոտեցել էր մահճակալին,― ինձ այցելելու համար չես եկել, այլ միայն գործո՞վ։
Փաստաբանը երևի մինչև այս պահը մտածել էր, թե ընկերը հիվանդատեսի է եկել, և այդ պատկերացումը ուժազրկել էր նրան, մինչդեռ այժմ նա կարծես վերգտել էր ուժերը․ պառկել էր շարունակ մի արմունկին հենված (իսկ դա պետք է որ շատ ուժ խլեր նրանից), միաժամանակ խաղալով մորուքի մեջտեղի փնջի հետ։
― Հենց այդ կախարդը հեռացավ, դու ավելի առողջ ես երևում։ Գրազ եմ գալիս, որ նա ականջ է դնում,― շշնջաց քեռին ընդհատեց խոսքը, մի ցատկով հայտնվեց դռան մոտ, սակայն դռան հետևում ոչ ոք չկար։ Նա ոչ թե հիասթաված, ավելի շուռ՝ դառնացած ետ եկավ իր տեղը․ այն, որ աղախինը թաքուն չէր լսում, ավելի վատ տպավորություն թողեց նրա վրա։
― Դու սխալ կարծիքի ես Լեննիի մասին։― Առարկեց փաստաբանը և չշարունակեց պաշտպանել աղախնին։ Դրանով, երևի, ուզեց ասել, որ աղջիկը կողմնակի պաշտպանության կարիք չունի։― Ինչ վերաբերում է քո պարոն ազգականի գործին,― շարունակեց նա,― ապա ինձ երջանիկ կհամարեմ, եթե ուժերս բավականացնեն այդ ծայրահեղ դժվար առաջադրանքի համար։― Նրա ձայնի մեջ կարեկցանքի երանգ կար։― Վախենում եմ, որ չբավականացնեն, բայց ես ոչ մի հնարավորություն բաց չեմ թողնի և, եթե անգամ իմ ուժերը բավական չլինեն, կարող ենք նաև ուրիշ մարդու ներգրավել։ Անկեղծ լինելու համար ասեմ, որ ուրիշ ամեն մի մասնակցություն ժխտելու աստիճան հետաքրքրված եմ այս գործով։ Եթե հանկարծ սիրտս չդիմանա լարվածությանը, ապա ընդհանրապես կանգ առնելու համար գոնե մի արժանի առիթ կգտնի այստեղ։
Կ֊ին թվաց, թե փաստաբանի ճառից ոչ մի բառ չհասկացավ։ Որևէ բացատրություն ստանալու նպատակով նա նայեց քեռուն, բայց վերջինս մոմը ձեռքին նստել էր մահճակալի մոտի փոքր սեղանին (այնտեղից դեղորայքի մի շիշ էր գլորվել գորգին), փաստաբանի ասածներին գլխով էր անում և համաձայնելու հրավերով երբեմն֊երբեմն նայում էր Կ֊ի կողմը։ Գուցե մինչև այստեղ գա՞լն էր քեռին դատավարության մասին պատմել փաստաբանին։ Բայց դա անհնար էր, որովհետև այս պահին նախորդած դեպքերը նման ենթադրությանը դեմ էին խոսում։
― Չեմ հասկանում Ձեզ,― ասաց Կ֊ն։
― Գուցե ե՞ս եմ սխալ հասկացել։― Կ֊ից ոչ պակաս զարմացած ու մտախոհ հարցրեց փաստաբանը։― Միգուցե շտապե՞լ եմ։ Ինչի՞ մասին էիք ուզում խոսել ինձ հետ։ Ես կարծեցի, թե խոսքը դատավարության մասին է։
― Իհարկե,― միջամտեց քեռին։― Իսկ դո՞ւ ինչ ես ուզում,― Կ֊ին հարցրեց նա։
― Այո, բայց Դուք որտեղի՞ց եք տեղյակ իմ և իմ դատավարության մասին։
― Ահա՜ թե ինչ։― Փաստաբանը ժպտաց։― Ես, ախր, փաստաբան եմ, շփվում եմ դատական շրջանակների հետ, նրանք տարբեր բաների մասին են խոսում, իսկ դրանցից առավել հետաքրքիրները, մանավանդ որ ընկերներիցս մեկի զարմիկին են վերաբերում, մտապահվում են։ Այդտեղ, ախր, արտասովոր ոչինչ չկա։
― Չեմ հասկանում, դու ի՞նչ ես ուզում,― նորից հարցրեց քեռին։― Շատ անհանգիստ ես։
― Դուք այդ դատարանի հետ առնչությո՞ւն ունեք,― հարցրեց Կ֊ն։
― Այո։
― Երեխայական հարցեր ես տալիս,― նախատեց քեռին։
― Իսկ ո՞ւմ հետ պետք է շփվեի, եթե ոչ իմ մասնագիտության տեր մարդկանց։― Քեռուն լրացրեց փաստաբանը, և դա այնպես անառարկելի հնչեց, որ Կ֊ն ոչինչ չպատասխանեց։
«Դուք, ախր, արդարադատության պալատի դատարանում եք աշխատում և ոչ թե ձեղնահարկի»։― Ուզեց ասել նա, սակայն չէր կարող հաղթահարել ինքնիրեն, որ ասեր այդ խոսքերը։
― Դուք պետք է իմանաք։― Այնպիսի տոնով շարունակեց փաստաբանը, կարծես ինչ֊որ ինքին հասկանալի բան է ավելորդ անգամ հենց այնպես բացատրում։― Պետք է իմանաք, որ նմանատիպ հաղորդակցումների շնորհիվ իմ այցելուների համար՝ թեկուզ տարբեր տեսակետներից էլ նայելու լինենք, մեծ առավելություն եմ ձեռք բերում։ Կարիք չկա բնավ շարունակել այդ մասին խոսելը։ Ինչ խոսք, հիվանդությունը իմ գործունեության համար խանգարիչ հանգամանք է, սակայն դատարանի իմ լավ ընկերները այցելում են ինձ, և ես որոշ բաների հասու եմ լինում, գուցե ավելի շատ բան եմ տեղեկանում, քան մյուսները, որոնց լավառողջ վիճակը թույլ է տալիս ամբողջ օրը դատարանում անցկացնել։ Օրինակ, հենց այս րոպեին ինձ մոտ նման մի սիրված ընկեր կա։― Նա ցույց տվեց սենյակի մութ անկյուններից մեկը։
― Ո՞ւր է։― Անակնկալի առաջին ազդեցության տակ համարյա կոպիտ հարցրեց Կ֊ն։ Նա անվստահ շուրջը նայեց․ փոքր մոմի լույսը չէր թափանցում մինչև հանդիպակաց պատը։ Բայց իրոք, անկյունում մեկն սկսեց շարժվել։ Քեռին բարձր պահեց մոմը և այնտեղ՝ փոքր սեղանի մոտ նստած մի տարեց մարդ երևաց։ Նա հավանաբար շունչն էլ էր պահել, որովհետև կարողացել էր այդքան ժամանակ աննկատ մնալ, իսկ այժմ դժվարանալով վեր կացավ ու բացահայտորեն դժգոհ էր, որ իր վրա ուշադրություն էին դարձրել։ Թվաց, թե նա ցանկացավ ձեռքերը շարժելով (նա ձեռքերը թռչունի թևերի նման շարժեք) հրաժարվել ողջույնից ու ներկայացված լինելուց, ոչ մի դեպքում չէր ուզում իր ներկայությամբ խանգարել մյուսներին և խնդրում էր, որ իրեն նորից թողնեն մթության մեջ, մոռանալով իր ներկայությունը, սակայն արդեն ոչ ոք նման բան թույլ չէր տա։
― Ձեր այցը անսպասելի էր մեզ համար։― Կ֊ին, քեռուն բացատրեց փաստաբանը և միաժամանակ ձեռքով նշան արեց պարոնին, որ մոտ գա։ Վերջինս երկմտանքով շուրջը նայեց ու դանդաղ, որոշակի արժանապատվությամբ հետևեց հրավերին։
― Դատարանի գրասենյակների պարոն տնօրենը, ախ, հա, ես չեմ ներկայացրել․ իմ ընկերն է՝ Ալբերտ Կ֊ն, նրա զարմիկը՝ հավաատրմատար Յոզեֆ Կ․։ Պարոնը տնօրեն է։ Պարոն տնօրենն, ուրեմն, այնքան սիրալիր է գտնվել, որ այցելել է ինձ։ Նման այցելության իսկական արժեքը կարող է, ինչ խոսք, միայն բանիմաց մարդը իմանալ, որովհետև պարոն տնօրենը շատ ծանրաբեռնված է աշխատանքով։ Այնուամենայնիվ, նա այցելեց ինձ, մենք, որքանով որ իմ տկարությունն էր թույլատրում, զրուցեցինք և, որովհետև ոչ մի այցելուի չէինք սպասում ու Լեննիին չէինք արգելել նրանց ներս թողնել, մտածում էինք, թե մենակ կլինենք։ Սակայն հետո լսվեցին քո բռունցքի հարվածները, Ալբերտ, և պարոն տնօրենը սեղանի ու թիկնաթոռի հետ անկյունը քաշվեց։ Այժմ պարզվում է, որ միասին կարող ենք մի գործ քննարկել և ցանկության դեպքում, իհարկե, շատ լավ կարող ենք տեղից շարժել այն։ Պարոն տնօրեն։― Ասաց փաստաբանը և, գլուխը թեքելով ու հանազանդ ժպտալով, ցույց տվեց մահճակալի մոտ դրված թիկնաթոռներից մեկը։
― Ես, ցավոք, կարող եմ միայն մի քանի րոպե մնալ,― մտերմաբար տեղեկացրեց տնօրենը, ընկղմվեց թիկնաթոռի մեջ ու նայեց ժամացույցին․― գործերը չեն թողնում։ Այնուամենայնիվ, չեմ ուզում իմ ընկերոջ ընկերներից մեկի հետ ծանոթանալու առիթը բաց թողնել։― Նա թեթևակի խոնարհվեց քեռուն։ Վերջինս շատ գոհ էր երևում այդ նոր ծանոթությունից, բայց պատճառը բնավորությունն էր, որ չէր կարողանում արտահայտել նվիրվածության զգացումը, և նա՝ տնօրենի խոսքերից շփոթված, բարձրաձայն ծիծաղեց։ Զզվելի տեսարան էր։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Կ֊ի վրա, և նա կարող էր շուրջն ամեն ինչ զննել։ Տնօրենը, քանի որ արդեն առաջ էր եկել, խոսակցության ղեկը վերցրեց ձեռքը (դա, երևի, նրա սովորությունն էր), փաստաբանը, որի տկարությունը սկզբում գուցե նոր այցելությունը մերժելու նպատակն էր հետապնդում միայն, ձեռքն ականջին դրած, ուշադիր լսում էր, մեմը ձեռքում պահած քեռին (նա ազդրի վրա մոմի հավասարակշռությունն էր պահպանում, իսկ փաստաբանը մտահոգ հայացքով հաճախ նայում էր նրա կողմը) արդեն հաղթահարել էր շփոթմունքը և նստել էր՝ ինչպես տնօրենի խոսելաձևից, այնպես էլ ձեռքերի՝ խոսքն ուղեկցող սահուն, ալիքաձև շարժումներից հիացած։ Մահճակալի դրանդուն հենված Կ֊ն հավանաբար միտումնավոր կերպով էր տնօրենի ուշադրությունից դուրս մանցել և ծեր պանոնների մոտ միայն ունկնդրի դեր էր տանում։ Ի դեպ, նա հազիվ էր հասկանում, թե ինչի մասին է խոսքը, և մեկ մտածում էր աղախնի ու քեռու ասծ վատ խնամքի մասին, մեկ էլ թե՝ արդյո՞ք ինքը մի անգամ արդեն տնօրենին չի հանդիպել։ Երևի հենց առաջին հետաքննության ժամանակ է տեսել։ Եթե Կ֊ն այժմ սխալվում էլ էր, ապա, միևնույնն է, գրասենյակների տնօրենը շատ լավ էլ կհամապատասխաներ ժողովի մասնակիներին՝ առաջին շարքի ցանցառ մորուքներով ծեր պարոններին։
Նախասենյակում աղմուկ լսվեց և մի պահ բոլորին ստիպեց ականջ դնել․ երևի սպասք ջարդուփշուր արեցին։
― Ես տեսնեմ, թե ի՞նչ եղավ։― Կ֊ն դանդաղ դուրս եկավ․ կարծես մյուսներին դեռ հնարավորություն էր տալիս, որ իրեն ետ պահեին։ Հազիվ նախասենյակ ելած, ուզում էր մթության մեջ կողմնորոշվել, երբ դռան բռնակը ամուր բռնած նրա ձեռքին մի փոքր ձեռք իջավ՝ շատ ավելի փոքր, քան իր ձեռքը, և անաղմուկ փակեց դուռը։ Աղախինն էր․ կանգնել էր այդտեղ և սպասում էր։
― Ոչինչ չի պատահել,― շշնջաց նա։― Ես միայն մի ափսե խփեցի պատին, որ Ձեզ դուրս հանեմ սենյակից։
― Ես էլ Ձեր մասին մտածեցի,― շփոթված ասաց Կ֊ն։
― Ավելի լավ, եկեք։― Մի քանի քայելից հետո նրանք կանգնեցին խավարեցված ապակիով դռան մոտ։ Աղախինը բացեց դուռը և ներս հրավիրեց Կ֊ին։― Ներս եկեք։
Փաստաբանի աշխատասենյակն էր այդտեղ և ինչքան հնարավոր էր երեք մեծ պատուհաններից ներս թափանցած, հատակի վրա երեք քառանկյուն պատկերներ գծած լուսնի լույսի տակ իրերը զանազանել՝ սենյակը հին, ծանր կահույքով էր կահավորված։
― Այս կողմ։― Աղախինը ցույց տվեց փորագրված թիկնակով փայտե բազկաթոռը։ Երբ Կ֊ն արդեն տեղավորվել էր, շուրջը նայեց։ Մեծ, բարձր առաստաղով սենյակ էր։ Աղքատների շահերը պաշտպանող փաստաբանի այցելուները այստեղ իրենց պետք է որ ճնշված զգացած լինեին։ Կ֊ին թվաց, թե տեսնում է հզոր գրասեղանին մոտեցող այցելուների վեհերոտ քայլերը։ Հետո նա մոռացավ այդ պատկերն ու ուշադրություն դարձրեց միայն աղախնի վրա, որ կիպ նստել էր կողքին և նրան համարյա սեղմում էր արմնկակալին։
― Ես կարծում էի, թե Դուք ինքներդ կգաք, և ես ստիպված չեմ լինի դուրս կանչել Ձեզ։ Տարօրինակ է։ Ներս մտնելիս նախ անդադար նայում էիք, բայց հետո սպասեցնել տվեցիք։ Ի դեպ, ինձ Լեննի անվանեք։― Արագ և անմիջական ավելացրեց նա, կարծես խոսակցության ընթացքում ոչ մի մանրամասն չպետք է բաց թողնվեր։
― Հաճույքով,― ասաց Կ֊ն։― Ինչ վերաբերում է տարօրինակ լինելուն, Լեննի, ապա այն կարելի է հեշտ բացատրել։ Նախ, ես պարտավոր էի ականջ դնել ծերուկների շաղակրատանքին և չէի կարող առանց պատճառի դուրս գալ, հետո, ես ոչ թե անպատկառ եմ, այլ, ավելի շուտ՝ երկչոտ։ Դուք էլ, Լեննի, իսկապես, չէր թվում, թե Ձեզ կարելի է միանգամից նվաճել։
― Այդպես չէ,― առարկեց Լեննին, ձեռքը դրեց թիկնակին և նայեց Կ֊ին։― Բայց ես Ձեզ դուր չեկա և, հավանբար, հիմա էլ դուր չեմ գալիս։
― Դուր գալն այնքան էլ կարևոր չէ,― խուսափելով պատասխանեց Կ֊ն։
― Օհո՜,― ժպտաց Լեննին և Կ֊ի նկատողության ու այդ կարճ բացականչության շնորհիվ որոշակի առավելություն ձեռք բերեց։ Դա էր Կ֊ի որոշ ժամանակ լռելու պատճառը։ Քանի որ նա արդեն վարժվել էր մթությանը, կարող էր կահավորման որոշ մանրամասներ տարբերել։ Առանձնապես աչքի էր խփում դռան աջ կողմում կախված մեծ նկարը։ Ավելի լավ զննելու համար նա առաջ խոնարհվեց։ Նկարում դատավորի պարեգոտ հագած մի մարդ էր պատկերված․ նա նստել էր բարձր բազկաթոռին, որի ոսկեզօծ լինելը աչքի էր զարնում նկարից։ Անսովորն այն էր, որ այդ դատավորը ոչ թե հանգիստ ու արժանապատվությամբ էր նստել, այլ ձախ թևը ամուր հենել էր թիկնակին ու ձախակողմյան արմնկակալին, ազատ աջ ձեռքով այնպես էր սեղմել աջակողմյան արմնկակալը, կարծես վճռական որևէ բան հայտնելու կամ դատավճիռ կայացնելու համար հաջորդ իսկ ակնթարթին ուժեղ, թերևս ցասումնալից մի դարձով վեր ցատկել էր ուզում։ Նկարում երևում էին դեղին գորգով ծածկված աստիճանների վերին սանդղամատերը, իսկ մեղադրյալի ներկայությունը կարելի էր աստիճանների ներքնամասում ենթադրել։
― Սա իմ դատավորն է երևի։― Կ֊ն մատով ցույց տվեց նկարը։
― Ես ճանաչում եմ նրան։― Լեննին նույնպես նայեց նկարին։― Նա հաճախ է այստեղ գալիս։ Նկարը նրա երիտասարդ տարիքում է արված, սակայն նա դույզն իսկ չէր կարող նման լինել նկարին, որովհետև չափից դուրս փոքր է։ Չնայած դրան, նա կարգադրել էր այդպես բարձրահասակ պատկերել նկարում, որոհվետև այստեղ եկող բոլոր մարդկանց նման, կուրության հասնելու աստիճան մեծամիտ է։ Ի դեպ, ես նույնպես մեծամիտ եմ և խիստ դժգոհ եմ, որ բոլորովին դուր չեմ գալիս քեզ։
Վերջին նկատողությանն ի պատասխան Կ֊ն միայն գրկեց նրան ու իր կողմը ձգեց․ նա գլուխը մեղմ հպեց Կ֊ի ուսին։
― Նա ի՞նչ աստիճան ունի,― իմիջիայլոց հարցրեց Կ֊ն։
― Քննիչ է։― Լեննին բռնեց Կ֊ի ձեռքը, որ իր ուսովն էր գցված և սկսեց մատների հետ խաղալ։
― Նորից քննիչ։ Բարձրաստիճան պաշտոնյաները թաքնվում են։ Բայց ախր նա գահավորակի վրա է նստած։
― Դրանք հնարովի բաներ են։― Լեննին դեմքը խոնարհեց Կ֊ի ձեռքին։
― Իրականում նա նստած է ձիու սթարով ծածկված խոհանոցային աթոռին։ Բայց Դուք, ի՞նչ է, շարունակ Ձեր դատավարության մասի՞ն եք մտածելու,― ծոր տալով հարցրեց նա։
― Ոչ, իհարկե, ոչ։ Ես հավանաբար շատ քիչ եմ մտածում այդ մասին։
― Այդ չէ Ձեր սխալը։ Դուք սարսափելի համառն եք։ Ես այդպես եմ լսել։
― Ո՞վ է ասել։― Կ֊ն իր կրծքին զգաց նրա մարմինը և նայեց մուգ, փարթամ ու ամուր ոլորված մազերն ի վար։
― Շատ բան ասած կլինեմ, թե հայտնեմ դա։ Խնդրում եմ, մի հարցրեք նրա անունը, այլ դադարեցրեք Ձեր սխալները։ Այդքան համառ մի եղեք։ Այս դատավարությունից հնարավոր չէ պաշտապանվել։ Հարկավոր է խոստովանել դա։ Առաջին իսկ առիթի դեպքում խոստովանեք և հետո միայն դուրս պրծնելու հնարավորություն կտրվի։ Խոստովանելուց հետո միայն։ Այնուամենայնիվ, առանց կողմնակի օգնության ոչինչ հնարավոր չէ, իսկ օգնության համար Դուք չպետք է անհանգստանաք․ ես ինքս կուզենամ օգնել Ձեզ։
― Դուք շա՞տ բան եք հասկանում այս դատարանից ու այստեղ անհրաժեշտ մեքենայություններից։― Հարցրեց Կ֊ն և, որովհետև Լեննին շարունակ սեղմվում էր, գիրկն առավ նրան։
― Այսպես լավ է։― Շրջազգեստը կարգի բերելով ու վերնաշապիկը ուղղելով, Կ֊ի գրկում հարմար տեղավորվելուց հետո ասաց Լեննին։ Հետո նա երկու ձեռքով կախվեց Կ֊ի պարանոցից, ետ ընկավ ու երկար նայեց։
― Իսկ եթե չխոստովանեմ, չե՞ք կարողանա օգնել։― Փորձի համար հարցրեց Կ֊ն և համարյա զարմացած մտածեց․ «Ես կանանց եմ հավաքագրում։ Նախ ֆրոյլայն Բյուրստները, հետո դատարանի կատարածուի կինը և, վերջապես, այս փոքրիկ աղախինը, որ կարծես անասկանալի մի պահանջ ունի իմ հանդեպ։ Այնպես է նստել գրկումս, կարծես սա է իրեն հատկացված միակ ճիշտ տեղը»։
― Ոչ։― Լեննին դանդաղ օրորեց գլուխը։― Այդ դեպքում չեմ կարողանա օգնել։ Բայց Դուք, ախր բնավ չեք զգում իմ օգնության կարիքը։ Ձեզ համար օգնությունը կարևոր չէ, Դուք կամակոր եք և թույլ չեք տալիս համոզել Ձեզ։ Դուք սիրուհի ունե՞ք,― հարցրեց նա մի փոքր լռելուց հետ։
― Ոչ։
― Չի կարող պատահել։
― Իրոք որ։ Պատկերացրեք միայն, ես հրաժարվել եմ նրանից, մինչդեռ լուսանկարը պահում եմ մոտս։― Լեննիի խնդրանքով նա ցույց տվեց Էլզայի լուսանկարներից մեկը։ Կ֊ի գրկում կուչ եկած, նա զննում էր նկարը։ Վայրկյանային լուսանկար էր, նկարել էին պորտապարից հետո․ Էլզան գինետանը հաճույքով էր պարում։ Նրա շրջազգեստը դեռ չէր ուղղվել շարժումից հետո, ձեռքը պիրկ ազդրերին էր հպել և վիզը ձգած, ծիծաղելով կողքի էր նայում։ Նկարից հնարավոր չէր իմանալ, թե ծիծաղն ում էր հասցեագրված։
― Մարմինը ուժեղ կապոտել է,― ասաց Լեննին և ցույց տվեց այն տեղը, ուր իր կարծիքով պարզ երևում էր ասածը։― Նա դուր չի գալիս ինձ։ Կոպիտ է ու անշնորհք։ Միգուցե նա բաեհաճ ու քնքուշ է Ձեր հանդեպ։ Դա կարելի է նկարից ենթադրել, նման խոշոր ու ուժեղ աղջիկները, բարեհաճ ու քնքուշ լինելուց բացի, ուրիշ ոչինչ չգիտեն։ Բայց արդյոք նա կկարողանա՞ Ձեզ համար զոհաբերել իրեն։
― Ոչ։ Նա ոչ բաեհաճ է, ոչ քնքուշ և ոչ էլ կկարողանա ինձ համար ինքնազոհության գնալ։ Ոչ էլ ես եմ մինչև այժմ դրանցից որևէ մեկը պահանջել նրանից։ Դրանից բացի, մինչև հիմա ես այդքան մանրամասն չեմ նայել նկարը, ինչպես Դուք։
― Ուրեմն նա անքան էլ կարևոր մարդ չէ՞ Ձեզ համար, ուրեմն նա բնավ Ձեր սիրուհին չէ՞։
― Ոչ, ես իմ խոսքը ետ չեմ վերցնում։
― Թող հիմա Ձեր սիրուհին լինի, բայց Դուք նրա պակասը այնքան էլ չեք զգա, եթե հանկարծ կորցնեք կամ մի ուրիշ կնոջ, օրինակ՝ ինձ հետ փոխանակեք։
― Իհարկե, կարելի է նման բան մտածել, բայց նա մեծ առավելություն ունի Ձեր հանդեպ․ նա ընդհանրապես տեղյակ չէ իմ դատական գործին և եթե անգամ ինչ֊որ բան տեղեկանար էլ, այդ մասին չէր մտածի և չէր փորձի համոզել ինձ, կոտրել իմ համառությունը։
― Դա բոլորովին էլ առավելություն չէ։ Եթե նա ուրիշ առավելություն չունի, ես չեմ հուսահատվի։ Նա մարմնական որևէ արատ ունի՞։
― Մարմնական արա՞տ։
― Այո։ Ես մի փոքր արատ ունեմ։ Տեսեք,― Լեննին իրարից հեռացրեց աջ ձեռքի մատնեմատն ու միջնամատը․ նրանց արանքի կաշին համարյա մինչև ճկույթի վերին հոդն էր հասնում։ Մթության մեջ Կ֊ն իսկույն չնկատեց, թե ինչ է ուզում ցույց տալ աղջիկը, այդ պատճառով Լեննին պարզեց ձեռքը, որ Կ֊ն կարողանար շոշափել։
― Բնության ինչպիսի խաղ,― ասաց Կ֊ն և թևն ամբողջությամբ զննելուց հետո ավելացրեց։― Ինչ հիանալի ճանկ է։
Լեննին որոշակի հպարտությամբ էր հետևում, թե զարմացած Կ֊ն ինչպես բացեց֊փակեց մատները, մինչև որ թեթևակի համբուրեց ու բաց թողեց։
― Օհ։― Բացականչեց նա և իսկույն ավելացրեց։― Դուք համբուրեցիք ինձ։
Բերանը բաց, նա ծնկների վրա փութով բարձրացավ Կ֊ի գիրկը։ Կ֊ն շփոթված նայեց, և այժմ, որովհետև Լեննին այդքան մոտ էր, կարծես պղպեղի գրգռող, դառը բույր տարածվեց նրանից։ Լեննին իրեն սեղմեց Կ֊ի գլուխը, խոնարհվեց նրա վրա, կծեց ու համբուրեց պարանոցը, կծոտեց մազերը։
― Դուք նրան արդեն փոխանակեցիք ինձ հետ։― Ժամանակ առ ժամանակ բացականչում էր նա։― Տեսա՞ք, Դուք արեն փոխանակեցիք։
Նրա ծունկը սոթ տվեց և քիչ մնաց, որ նա կարճ ճիչ արձակելով գլորվեր գորգին։ Կ֊ն գրկեց, փորձեց պահել, բայց Լեննին նրան ներքև քաշեց։
― Այժմ դու իմն ես։
― Ահա քեզ տան բանալին, երբ ուզում ես, արի։― Լեննիի վերջին խոսքերն էին։ Հեռանալու ժամանակ մի աննպատակ համբույր դրոշմվեց Կ֊ի մեջքին։
Երբ Կ֊ն դարպասից դուրս եկավ, թեթև անձրև էր մաղում։ Նա ուզեց անցնել փողոցի մեջտեղը, որ գուցե կարողանար պատուհանի մոտ տեսնել Լեննիին։ Այդ պահին տան դիմացը կանգնած մեքենայից (ցրվածության մեջ Կ֊ն չէր նկատել մեքենան) քեռին դուրս պոկվեց, բռնեց նրա թևից և կարծես այնտեղ մեխելու մտադրությամ հրեց դարպասի կողմը։
― Ինչպե՞ս կարողացար այդպես վարվել, տղեկ,― բացականչեց նա։― Դու սարսափելի վնաս հասցրիր քո գործին, մինչդեռ այն լավ էր ընթանում։ Այդ չնչին, կեղտոտ արարածի հետ, որ հաստատ փաստաբանի սիրուհին է, մոռացար ամեն ինչ, ժամերով ներս չեկար։ Ոչ մի պատճառ չփնտրեցիր, պարզ ու շիտակ էիր․ վազեցիր նրա մոտ ու մնացիր։ Մինչդեռ մենք խմբովի նստել էինք․ քեռիդ, որ քեզ համար էր չարչարվում, փաստաբանը, որին, քո շահերից ելնելով, պետք էր գրավել և, ամենից առաջ՝ գրասենյակների տնօրենը, այդ մեծատառով պարոնը, ում ձեռքերում է քո գործն այս պահին։ Մենք ուզում էինք խորհրդակցել, թե ինչպե՞ս կարելի էր քեզ օգնել։ Ես պետք է զգուշորեն մշակեի փաստաբանին, նա իր հերթին՝ տնօրենին, իսկ դու, որ բոլոր հիմքերն ունեիր առնվազն ինձ պաշտպանելու համար, հեռացար։ Քո բացակայությունը հնարավոր չէր մինչև վերջ թաքցնել․ նրանք քաղաքավարի, գործիմաց մարդիկ են, չխոսեցին քո հեռանալու մասին, խնայեցին ինձ, բայց քանի որ չէին կարող այլևս հաղթահարել իրենք իրենց և որովհետև չէին կարող խոսել գործի մասին, լռում էին։ Մենք մի քանի րոպե լուռ նստած մնացինք ու ականջ դրեցինք, թե չե՞ս գա վերջապես։ Իզուր։ Ի վերջո տնօրենը ոտքի կանգնեց։ Նա ավելի երկար էր մնացել, քան սկզբում էր մտադիր, հրաժեշտ տվեց, ըստ երևույթին կարեկցեց ինձ, որ չկարողացավ օգնել, հետո, անհասկանալի սիրալիրությամբ, որոշ ժամանակ էլ մնաց դռան մեջ կանգնած ու գնաց։ Ես, իհարկե, ուրախ էի, որ գնաց․ շնչելու օդն արդեն չէր բավականացնում ինձ։ Հիվանդ փաստաբանի վրա այդ ամենն ավելի վատ ազդեց։ Խեղճ մարդը չէր կարողանում խոսել, երբ հրաժեշտ տվեցի նրան։ Դու, հավանաբար, քո նպաստն ունեցար նրա լիակատար ուժասպառության հարցում։ Այդպես արագացնում ես մի մարդու մահը, ում վրա պետք է հույս դնես, իսկ ինձ, քո սիրելի քեռուն, ստիպեցիր ժամերով կանգնել անձրևի տակ ու մտատանջվել։ Հապա ձեռք տուր, լրիվ ջուր եմ դարձել։
Փաստաբանը։ Ֆաբրիկատերը։ Նկարիչը
Ձմեռային մի առավոտ (դրսում ձյուն էր գալիս, մառախլապատ եղանակ էր) չնայած գործը նոր էր սկսվել, Կ֊ն՝ չափից դուրս հոգնած, նստել էր իր գրասենյակում և ենթակա պաշտոնյաներից զգուշանալու համար ծառային պատվիրել էր նրանցից ոչ մեկին ներս չթողնել, պատճառաբանելով, թե պարոն հավատարմատարը կարևոր գործով է զբաղված։ Սակայն աշխատելու փոխարեն նա բազկաթոռին նստած պտույտ տվեց, դանդաղ փոխեց սեղանին դրված մի քանի առարկաների դիրքը, հետո՝ ինքն էլ չզգալով, առաջ պարզած թևը թողեց սեղանին ու մնաց գլուխը կախ, անշարժ նստած։
Դատավարության մասին միտքն այլևս չէր լքում նրան։ Նա արդեն բազմիցս մտածել էր, թե արդյոք լավ չէ՞ր լինի, եթե բացատրագիր մշակեր և դատարանին հանձներ։ Նա ցանկանում էր համառոտ շարադրել իր կենսագրությունը և ինչ֊որ չափով կարևոր թվացող յուրաքանչյուր իրադարձության համար բացատրություն տալ, թե ի՞նչ էր այդպես վարվելու պատճառը, արդյոք այդ արարքը՝ այսօրվա պատկերացումներից ելնելով, մերժմա՞ն, թե՞ հավանության էր ենթակա, և ի՞նչ պատճառներ էր կարող բերել այս կամ այն դեպքի կապակցությամբ։ Նման բացատրագրի առավելությունները՝ ընդհանրապես ոչ անբասիր փաստաբանի կազմակերպած պաշտպանության հետ համեմատած, կասկած չէին հարուցում։ Կ֊ն նույնիսկ տեղյակ էլ չէր, թե փաստաբանն ինչ էր ձեռնարկել։ Համենայնդեպս, շատ բան արած չէր լինի, որովհետև արդեն մի ամիս իրեն չէր կանչել, դրանից բացի, նախկին զրույցների ժամանակ ևս Կ֊ն երբեք այն տպավորությունը չէր ունեցել, թե այս մարդը կկարողանա որևէ բանի հասնել։ Նախ, փաստաբանը բնավ չէր հարցաքննում, մինչդեռ հարցնելու շատ բան կար։ Կարևորը հարցնելն էր։ Կ֊ին թվում էր, թե անձամբ կարող է գործի հետ կապված անհրաժեշտ բոլոր հարցերը տալ։ Հարցնելու փոխարեն՝ փաստաբանն ինքն էր պատմություններ անում կամ լուռ նստում էր դեմհանդիման, երևի վատ լսողությունն էր պատճառը, որ փոքր֊ինչ խոնարհվում էր գրասեղանի վրա, մորուքի մազափնջերից մեկն էր քաշքշում և հայացքը գցում էր գորգին․ հավանաբար այնտեղ, ուր Կ֊ն էր Լեննիի հետ պառկել։ Նա երբեմն֊երբեմն դատարկ խրատներ էր տալիս, կարծես դիմացը երեխա էր նստած։ Խրատների պես անպետք ու ձանձրալի էին նաև պատմությունները, և վերջնահաշվի մասին խոսք բացվելիս Կ֊ն դրանց համար ոչ մի գրոշ վճարելու մտադրություն չուներ։
Փաստաբանը՝ երբ նրան թվում էր, թե բավական ահաբեկել է Կ֊ին, սովորաբար կրկին սկսում էր փոքր֊ինչ քաջալերել։ Նա պատմում էր, թե նման բազմաթիվ գործեր է ունեցել և մասամբ կամ լրիվ շահել է։ Գործեր, որոնք թեև իրականում այս մեկի նման ծանր չեն եղել, սակայն առաջին հայացքից ավելի անհուսալի են թվացել։ Այդ գործերի ցանկը նա գզրոցում է պահում (իր խոսքերի վրա փաստաբանը թխկթխկացնում էր սեղանի գզրոցներից մեկը), արձանագրությունները, ցավոք, չի կարող ցույց տալ, որովհետև խոսքը դատական գաղտնիքների մասին է։ Այնուամենայնիվ, նախկին բոլոր գործերի շնորհիվ ձեռք բերած հարուստ փորձը այժմ ի նպաստ Կ֊ի կլինի։ Ինքն, ինչ խոսք, իսկույն ձեռնամուխ է եղել, և առաջին հայցը համարյա պատրաստ է արդեն։ Դա շատ կարևոր է, որովհետև պաշտպանության թողած առաջին տպավորությունը շատ հաճախ գործի ողջ ընթացքն է պայմանավորում։ Ցավոք (ինքը պարտավոր է այս նրբության վրա հրավիրել Կ֊ի ուշադրությունը), երբեմն այնպես է ստացվում, որ առաջին հայցերը դատարանում չեն կարդացվում բնավ։ Դրանք պարզապես կցվում են գործին և հայտնում, որ մեղադրյալին հարցաքննելը և նրա վարքին հետևելը թղթերի վրա գրվածից շատ ավելի կարևոր է։ Եթե հայցվորը սկսում է շտապել, նրան հայտնում են, որ բոլոր անհրաժեշտ նյութերը հավաքելուց հետո, նախքան որոշումը հրապարակելը, փաստաթղթերը, ինքնին հասկանալի է՝ առաջին հայցը նույնպես, ստուգման են ենթարկվելու։ Ցավոք, շատ հաճախ այսպես էլ չի լինում, որովհետև առաջին հայցը սովորաբար կամ անուշադրության է մատնվում կամ անհետանում է, իսկ եթե նույնիսկ մինչև վերջ պահպանվում էլ է, ապա՝ ինչպես ինքն է տարբեր մարդկանցից տեղեկացել, դրա վրա հազիվ թե ուշադրություն են դարձնում։ Այս ամենը ցավալի է, բայց ոչ հիմքից զուրկ։ Թող Կ֊ն չմոռանա, որ հետաքննությունը հրապարակային չի լինելու։ Եթե դատարանը անհրաժեշտ համարի, կարելի է հրապարակային դարձնել, սակայն օրենքն այս հարցում հասարակության մասնակցությունը նկատի չի ունեցել։ Այդ պատճառով էլ դատական արձանագրությունները՝ ամենից առաջ՝ մեղադրականը, մեղադրյալի և նրա պաշտպանության համար անմատչելի են։ Հետևաբար, մարդ ընդհանրապես տեղյակ չէ կամ առնվազն հաստատ չգիտե, թե ինչի՞ դեմ է գործածելու առաջին հայցը, և այն կարող է սոսկ պատահականության շնորհիվ գործի ընթացքի համար կարևոր որևէ բան պարունակել։ Իրականությանն համապատասխանող և ապացույց պարունակող հայցերը կարելի է արդեն ուշ մշակել, երբ հարցաքննության շնորհիվ մեղադրման առանձին ենթակետերն ու դրանց հիմնավորումը ավելի հստակ երևան կամ ենթադրվեն։ Այս պայմանների առկայության դեպքում պաշտպանությունը, ինչ խոսք, շատ ծանր ու ոչ նպաստավոր դրության մեջ է։ Բայց դա դիտավորյալ է այդպես արված։ Օրենքով պաշտպանություն չի թույլատրվում, իրականում միայն համակերպվում են դրա հետ և շատ հաճախ օրենսդրության համապատասխան հոդվածում համակերպվելու վերաբերյալ նույնիսկ վեճեր են լինում։ Հետևաբար, դատարանի կողմից ճանաչում ստացած ոչ մի դատապաշտպան չի մնում, և դատարանում որպես դատապաշտպան հանդես եկողները իրականում միայն աղմկարարներն են։ Այս հանգամանքը, ինչ խոսք, դատարանից ստացած ընդհանուր տպավորության վրա արժեքազրկող ազդեցություն է թողնում, բայց եթե Կ֊ն հաջորդ անգամ դատարանի գրասենյակները գնա, թեկուզ հենց մի անգամ այնտեղ տիրող վիճակը տեսած լինելու համար, թող փաստաբանների սենյակը մտնի։ Նա հաստատ կսարսափի այնտեղի հասարակությունից։ Տրամադրված նեղ, ցածրիկ սենյակն իսկ ցույց կտա դատարանի՝ նրանց հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքը։ Սենյակը միայն երդիկանման փոքր անցքով է լուսավորվում, իսկ անցքն այնքան բարձր է, որ եթե մարդ դուրս նայել ուզենա (ի դեպ, ով էլ այդպես վարվելու լինի, հենց անցքի դիմացից բարձրացող ծխնելույզի ծուխը քիթը կլցվի և կսևացնի դեմքը), նախ պետք է գորընկներներից մեկի մեջքին բարձրանա։ Այնտեղի վիճակը դիպուկ նկարագրող մի օրինակ ևս բերելու համար ասեմ, որ սենյակի հատակին արդեն տարուց ավելի է մի ծակ կա։ Մեծ չէ, մարդ մեջը չի ընկնի, բայց մի ոտքը հանգիստ կարելի է մտցնել։ Փաստաբանների սենյակը երկրորդ ձեղնահարկում է։ Եթե մեկնումեկի ոտքը ծակն ընկնի, կկախվի առաջին ձեղնահարկի առաստաղից՝ հենց այն միջանցքում, ուր մեղադրյալներն են սպասում։ Շատ բան ասված չի լինի, եթե փաստաբանների միջավայրում վիճակը խայտառակ բառով բնորոշվի։ Ղեկավարությանն ուղղված բողոքները նվազագույն հաջողություն իսկ չունեն, միաժամանակ սենյակում իրենց ծախսերով ինչ֊որ բան փոխել տալը խստագույնս արգելված է փաստաբաններին։ Բայց նրանց հանդեպ ունեցած վերաբերմունքն էլ իր հիմնավորումն ունի։ Դատարանն ուզում է հնարավորին չափ մեկուսացնել պաշտպանությանը․ ամեն ինչ պետք է մեղադրվող կողմին թողնվի։ Անկեղծ ասած, վատ ցանկություն չէ, և դժվար թե մարդ ավելի կոպիտ սխալ թույլ տա, քան եթե մտածի, թե այդ դատարանում փաստաբանները մեղադրյալների համար անպետք մարդիկ են։ Ընդհակառակը, ուրիշ ոչ մի դատարանում նրանք այդքան անհրաժեշտ չեն, որքան այստեղ։
Հետաքննության ընթացքն, ընդհանուր առմամբ, ոչ միայն հասարակությունից է թաքցվում, այլ նաև մեղադրյալից։ Իհարկե, եթե պայմանները թույլ են տալիս, իսկ դա միայն լայն մասշտաբներով է հնարավոր։ Ի դեպ, մեղադրյալին չի թույլատրվում դատական արձանագրությունների բովանդակությանը ծանոթանալ, իսկ հարցաքննությունների ընթացքից ելնելով՝ նրանց հիմքում ընկած գործի մասին եզրակացնելը դժվար է հատկապես մեղադրյալի համար, որովհետև նա վեհերոտ է, և հնարավոր բոլոր հոգսերը նրան չեն թողնում կենտրոնանալ։ Պաշտպանությունը հենց այստեղ է ձեռնամուխ լինում։ Սովորաբար դատապաշտպանին չի թույլատրվում հարցաքննության ժամանակ ներկա գտնվել։ Նրանք պետք է հարցաքննությունից հետո, թեկուզ հենց հետաքննության սենյակի դռան մոտ, մեղադրյալին հարցուփորձ անեն, և այդ՝ հաճախ արդեն խամրած տեղեկություններից պաշտպանության համար անհրաժեշտ մանրամասները կորզեն։ Սակայն ամենակարևորը սա չէ, ու թեև գործունյա մարդը միշտ էլ կկարողանա մյուսներից ավելի շատ բան իմանալ, միևնույն է, այս ձևով հնարավոր չէ շատ բան անել։ Առաջին պլան են մղվում դատապաշտպանի անձնական կապերը․ ծանոթության մեջ է պաշտպանության գլխավոր արժեքը։ Կ֊ն հավանաբար արդեն անձնական փորձից գիտե, որ դատարանի ամենաստորին աստիճանակարգն այնքան էլ կատարյալ չէ․ պարտազանց ու հեշտ կաշառվող պաշտոնյաներ ունի, և նրանց պատճառով է խիստ պարփակված, միաձույլ դատարան ունենալու ձգտումը թերի մնում։ Հենց այստեղ են խցկվում փաստաբանների մեծ մասը․ կաշառքներ են տալիս, տեղեկություններ հավաքում, նախկինում նույնիսկ փաստաթղթերի հափշտակման դեպքեր են եղել։ Չի կարելի ժխտել, թե այսպես հնարավոր է մեղադրյալի համար տվյալ պահին անսպասելի, շատ նպաստավոր արդյունքների հասնել։ Դրանից հետո խաժամուժ դատապաշտպանները փքված են շրջում և նոր այցելուներ են գրավում իրենց կողմը, սակայն, ամբողջությամբ վերցրած, գործի ընթացքի համար այդ հաջողությունները կամ ոչ մի, կամ էլ ոչ մի լավ արդյունքների չեն հասցնում։ Միայն անձնական, և այն էլ բարձրաստիճան պաշտոնյաների, այսինքն՝ ենթակա դասի բարձր պաշտոնայաների հետ ունեցած ամուր կապերն են, որ իսկական արժեք ունեն։ Սկզբում թեկուզև աննշան, բայց հենց այդպես կարելի է հետագայում դատավարության ընթացքի վրա ավելի պարզորոշ ազդել։ Սակավաթիվ դատապաշտպաններ միայն կարող են այսպես վարվել, և այդ հարցում Կ֊ի ընտրությունը շատ նպաստավոր է։ Դոկտոր Հուլդից բացի, թերևս մի թե երկու փաստաբան կարող են նման ծանոթություններով աչքի ընկնել։ Իրենք, ինչ խոսք, չեն մտահոգվում փաստաբանների սենյակում հավաքվողների մասին և նրանց հետ անելիք չունեն։ Բայց շատ ավելի նեղ է դատարանի պաշտոնյաների հետ ունեցած կապը։ Միշտ չէ, որ դոկտոր Հուլդին անհրաժեշտ է եղել դատարան գնալ, նախասենյակում քննիչի պատահաբար հայտնվելուն սպասել և, կախված նրա տրամադրությունից, մեծ մասամբ թվացյալ հաջողության հասնել կամ ձեռնունայն մնալ։ Ոչ։ Կ֊ն թերևս ինքն է տեսել, որ պաշտոնյաները (նրանց մեջ նաև բավական ազդեցիկները) իրենք են գալիս, պատրաստակամորեն պարզ կամ գոնե կռահելու հնարավորություն ընձեռնող տեղեկություններ են տալիս, դատավարությունների հեռագա ընթացքն են քննարկում և, ինչո՞ւ ոչ, առանձին դեպքերում թույլ են տալիս համոզել իրենց ու հաճույքով են ընդունում դիմացինի տեսակետը։ Վերջին հարցում նրանց, համենայնդեպս, շատ վստահել չարժե, որովհետև ինչքան էլ պաշտպանության համար նպաստավոր, նոր ծրագիր կազմելիս լինեն, այնուամենայնիվ, գրասենյակ վերադառնալուց հետո հաջորդ օրվա համար այնպիսի մի որոշում են ընդունում, որ լրիվ հակասում է իրենց խոսքերին, և որքան էլ նախօրեին հայտարարած լինեին, թե լրիվ հրաժարվել են առաջվա մտադրությունից, միևնույն է, վճիռը մեղադրյալի համար ավելի խիստ է հնչում։
Այդտեղ արդեն, իհարկե, ոչինչ հնարավոր չէ, որոհվետև այն, ինչ նրանք առանձին զրուցելու ժամանակ են ասել, առանձին ասված խոսք է մնում, և որքան էլ որ պաշտպանությունը հակված չլինի պարոնների բարեհաճությունը վայելելու, միևնույն է, վճիռը ոչ մի հասարակական քննարկման ենթակա չէ։ Մյուս կողմից, շատ ճիշտ է համենայնդեպս, որ մարդասիրական կամ բարեկամական զգացմունքների պատճառով չէ, որ պարոնները պաշտպանության (իհարկե, միայն բանիմաց դատապաշտպանների) հետ կապ են պաշտպանում․ ինչ֊որ տեղ նրանք այլ ելք չունեն։ Հենց այստեղ է զգացվում գաղտնի դատավարությունն իր գործունեության հիմքում հաստատած դատարանի թերությունը։ Բնակչության հետ ունեցած կապն է պակասում պաշտոնյաներին։ Սովորական կամ միջին դժվարության գործերի համար նրանք լավ են պատրաստված, նման դատավարությունները համարյա միշտ հանգիստ, իրենց հունով են ընթանում, միայն ժամանակ առ ժամանակ են որևէ խթանի կարիք զգում, իսկ ինչ վերաբերում է հասարակ ու առանձնապես դժվար դեպքերին՝ պարոնները մեծ մասամբ անօգնական են, որոհվետև օր ու գիշեր օրենքների մեջ խցկված՝ ոչ մի ճիշտ պատկերացում չունեն մարդկային հարաբերությունների մասին և հենց այդտեղ են զգում դրա պակասությունը։ Հետո նրանք խորհրդակցելու համար փաստաբանի մոտ են գալիս, իսկ ծառաներից մեկը բերում է շարունակ գաղտնի պահված արձանագրությունները։ Այս պատուհանի մոտ այնպիսի պաշտոնյաներ են կանգնել, որ հնարավոր չէ պատկերացնել։ Ու մինչ նրանք անմխիթար տեսքով դուրս են նայել, ինքը՝ մի լավ խորհուրդ տալու համար, նրանք արձանագրություններն է ուսումնասիրել։ Ի դեպ, միայն նման դեպքերում կարելի է տեսնել, թե պարոններն ինչպիսի լրջությամբ են վերաբերվում իրենց գործին և ինչպես են հուսահատության գիրկն ընկնում այն արգելքների պատճառով, որ սեփական բնավորությունը թույլ չի տալիս հաղթահարել։ Ընդհանրապես նրանց վիճակը հեշտ չէ, և կարիք չկա անարդարացի լինել՝ հակառակ կարծիք կազմելով։ Աստիճանակարգումը և աստիճանների բարձրացումը դատարանում վերջ չունեն, նույնիսկ դատարանի հետ առնչվողները դրա վերջը չեն տեսնում։ Դատական ատյաններում հետաքննությունն ընդհանրապես ենթակա պաշտոնյաներից էլ է գաղտնի պահվում։ Նրանք չեն կարողանում հետագա ընթացքի մեջ հետամուտ լինել իրենց իսկ վարած գործերին։ Այսպիսով, դատական գործը նրանց տեսադաշտում հայտնվում է որոշակի վիճակում, և նրանք հաճախ չեն իմանում, թե որտեղի՞ց է սկսվում այն և ինչպե՞ս է զարգանում։ Հետևաբար, դատավարության առանձին շրջանների, վերջնական որոշումների և պատճառների ուսումնասիրությունից որոշ բաներ սովորելու հնարավորությունը այս պաշտոնայներին տրված չէ։ Նրանք կարող են միայն դատավարության՝ օրենքով նախատեսված հատվածով զբաղվել և իրենց սեփական աշխատանքի արդյուքների մասին մեծ մասամբ ավելի քիչ են տեղյակ լինում, քան որպես կանոն մինչև վերջ մեղադրվող կողմի հետ կապի մեջ մնացող պաշտպանության ներկայացուցիչները։ Այստեղ էլ որոշ արժեքավոր բաներ նրանք կարող են իմանալ միայն պաշտպանությունից։ Այս ամենին տեղյակ լինելով հանդերձ, Կ֊ն դեռ զարմանում է պաշտոնյաների՝ երբեմն մեղադրվող կողմի հետ վիրավորական տոնով խոսելիս դրսևորվող (դա բոլորն են զգում) գրգռվածության վրա։ Բոլոր պաշտոնյաներն էլ, եթե անգամ արտաքին հանգստությունը պահպանում են, նյարդային են։ Փոքր փաստաբանները դրանից, իհարկե, ավելի շատ են տուժում։ Օրինակ, նման մի բան են պատմում, որ շատ ճշմարտանման է։ Մի ծեր պաշտոնյա՝ բարի ու լռակյաց մի պարոն, օր ու գիշեր անընդհատ ուսումնասիրում է փաստաբանի ներկայացրած խնդրագրերի պատճառով էլ ավելի խճճված մի ծանր գործ։ Դատարանի պաշտոնյաներն իրականում ջանասեր են, ինչպես ուրիշ ոչ ոք։ Առավոտյան կողմ արդեն՝ հավանաբար ոչ շատ արդյունավետ, քսանչորսժամյա աշխատանքից հետո, նա դարան է մտնում մուտքի դռան մոտ և ներս մտնել ցանկացող բոլոր փաստաբաններին աստիճաններից ներքև է շպրտում։ Փաստաբանները հավաքվում են ներքևի սանդղահարթակին և մտածում, թե ինչ անեն․ մի կողմից նրանք չեն կարող առարկել, որ իրենց ներս չեն թողնում (օրենքով դժվար կարողանային այդ ծերունու դեմ որևէ բան ձեռնարկել և, ինչպես ասվեց, պետք է զգուշանային մնացած պաշտոնյաներին էլ իրենց դեմ լարելուց), մյուս կողմից, սակայն, դատարանում չանցկացրած ամեն մի օրը նրանց համար կորած էր, այնպես էր նորս մտնելն անհրաժեշտ էր։ Ի վերջո, նրանք միաբան որոշում են ծերունուն չարչարել։ Փաստաբանները հերթով, մեկ֊մեկ վերև են վազում և, ոչ այնքան եռանդուն դիմադրությունից հետո, թույլ են տալիս, որ ծերունին իրենց ներքև նետի, ուր գործընկներները բռնում են ընկնողին։ Խաղը մոտ մի ժամ է տևում, հետո առանց այն էլ գիշերվա անքուն աշխատանքից հոգնած պաշտոնյան ուժասպառվում է և գնում իր գրասենյակը։ Ներքևում կանգնածները նախ չեն հավատում, մեկին ուղարկում են, որ ստուգի՝ արդյոք այնտեղ մարդ չկա՞, և հետո նոր ներս են մտնում՝ չհամարձակվելով նույնիսկ ձայն հանել։
Փաստաբանները (թեկուզ ամենափոքրը, որ գոնե մասամբ կարող է հասկանալ այնտեղի կարգը) բավական հեռու են դատարանում որևէ բարեփոխում մտցնելու և իրականացնելու ցանկությունից, մինչդեռ յուրաքանչյուր մեղադրյալ, նույնիսկ խելացի մարդիկ (ի դեպ, սա հատկանշական է), դատավարության առաջին օրից սկսած բարեկարգող առաջարկների մասին են մտածում և վատնում են իրենց ուժն ու ժամանակը, թեև կարող էին դրանք ավելի լավ օգտագործել։ Միակ ճիշտ քայլը տիրող պայմանների հետ հաշտվելն է։ Եթե մի անգամ հնարավոր էլ լինի մանր֊մունր հարցերում ինչ֊որ բանի հասնել (սա անմտություն է), լավագույն դեպքում, սոսկ հետագա գործերի համար, մարդ մի բանի հասած կլինի, մինչդեռ դրանով անչափ կվնասի իրեն, որովհետև ավելի կգրավի վրեժխնդիր ու հիշաչար դարձող պաշտոնյաների ուշադրությունը։ Միայն թե ուշադրություն չգրավել, որքան էլ հակառակվելու ցանկությունը մեծ լինի, հանգիստ մնալ է պետք, հսկայական օրգանիզմը շարունակ հավասարակշռված վիճակում է, ու եթե մարդ իր տեղում ինքնագլուխ կերպով ինչ֊որ բան փոխի, հենց իրեն կզրկի հենարանից և կարող է ներքև գլորվել, մինչդեռ ինքնուրույն, փոքր խանգարման համար դատարանը մի ուրիշ հատկվածից փոխարինող կճարի (ախր ամեն ինչ փոխկապակցված է) և անփոփոխ կմնա, եթե իհարկե մի բան էլ (շատ հնարավոր է) ավելի պարփակված, խիստ զգոն ու չար չդառնա։
Խանգարելու փոխարեն ավելի լավ է աշխատանքը փաստաբանին թողնել։ Նախատիքներն իզուր են, հատկապես երբ հնարավոր չէ դրանց պատճառներն իրենց ողջ էությամբ հասկանալի դրաձնել, մինչդեռ հարկ է նշել, թե գրասենյակների տնօրենի հանդեպ ցուցաբերած վարքով Կ֊ն ինչքան վնասեց գործին։ Այդ ազդեցիկ մարդուն ընդհանրապես կարելի է հանել դատարանի այն պաշտոնայաների ցուցակից, որոնց մոտ հնարավոր էր ինչ֊որ բանի հասնել։ Դատավարության մասին թռուցիկ հիշատակումներն անգամ նա բացահայտ դիտավորությամբ անուշադրության է մատնում։ Որոշ հարցերում պաշտոնայաներն իսկապես երեխայավարի են պահում իրենց։ Հաճախ նույնիսկ ամենաանմեղ արարքը (Կ֊ի արածը, ցավոք, դրանց շարքին չի դասվում) կարող է այնպես վիրավորել նրանց, որ դադարում են նույնիսկ ամենամոտ ընկորների հետ խոսել, հանդիպելիս երես են թեքում և հնարավոր ամեն ինչում հակառակն են անում։ Հետո բավական է մի անգամ անհիմն պատճառով անսպասելի ծիծաղեն (նրանք համարձակվում են ծիծաղել, կատակում են սոսկ, որովհետև ցանկացած այլ միջոց արդեն անօգուտ է թվում), իսկույն մոռանում են եղածը։ Նրանց հետ գործ ունենալը և հեշտ է, և դժվար, ոչ մի սկզբում գոյություն չունի։ Երբեմն զարմանալ կարելի է․ միջին տևողության մի կյանքը բավականացնում է շատ բան անելու համար, կարելի է նույնիսկ որոշակի հաջողության հասնել։ Հետո մռայլ ժամեր, համենայնդեպս, լինում են, և մարդ մտածում է (համարյա բոլորի հետ լինում է), մարդ մտածում է, թե ոչ մի արդյունքի չի հասել, թվում է, թե այն գործերն են բարեհաջող ավարտ ունեցել, որոնց համար հենց սկզբից լավ ելք է նախանշված եղել, և եթե մարդ ոչինչ էլ չձեռնարկեր, միևնույն է, դրանց վերջը լավ կլինի, այն ժամանակ, երբ մնացած բոլոր գործերը՝ չնայած վազվզոցներին, ուրախություն պատճառած փոքր, թվացյալ հաջողություններին, տանուլ էին տվել։ Դրանից հետո ոչ մի բանի հանդեպ հավատ չի մնում և մարդ չի համարձակվում հերքել այն կարծիքը, թե ըստ էության լավ ընթացող գործը հենց միջամտության պատճառով է ծուռ գնացել։ Սա էլ է յուրովի ինքնավստահություն, սակայն գործից հետո մնացած միակ բանն է։ Փաստաբանները նման նոպաներ (դրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ նոպաներ) ունենում են, երբ բավական առաջ տարված, հաջող ընթացող մի գործ ձեռքերից հանկարծ վերցնում են։ Ամենավատ բանն է, որ կարող է կատարվել դատապաշտպանի հետ։ Մեղադրյալը չէ վերցնողը․ նման բան ոչ ոք չի անի։ Կոնկրետ որևէ դատապաշտպան ընտրած մեղադրյալը, ինչ ուզում է լինի, չպետք է փաստաբանից հեռանա։ Ինչպե՞ս կկարողանա նա՝ երբևէ ուրիշի օգնությանը դիմած լինելուց հետո, իր գլխի ճարը տեսնել։ Այդպես, ուրեմն, չի լինում, բայց երբեմն դատն այնպիսի ընթացք է ընդունում, որ դատապաշտպանն այլևս իրավունք չի ունենում գործին հետևել։ Նա պարզապես եռացվում է գործից, մեղադրյալից, մի խոսքով՝ ամեն ինչից, և այդ պահից սկսած պաշտոնյաների հետ ունեցած ամենալավ կապերն անգամ չեն օգնի, քանզի ծանոթներն ևս ոչինչ չեն իմանում։ Դատավարություն այնպիսի բնույթ է ընդունում, որ ոչ մի օգնություն հնարավոր չէ․ անձեռնհաս գերագույն ատյաններն են վարում գործը, և դատապաշտպանը մեղադրյալի դեմքը այլևս չի տեսնում։ Հետո, մի գեղեցիկ օր, մարդ տուն է գալիս և այն բոլոր հայցերը, որ ուժերը ներդնելով և վարդագույն հույսեր փայփայելով գրել էր գործի կապակցությամբ, տեսնում է սեղանին դրված։ Դրանք վերադարձվել են, որովհետև անարժեք քրջեր են և գործի նոր էտապում այլևս չի կարելի օգտագործել։ Միաժամանակ, դատը չպետք է ոչ մի դեպքում տանուլ տրվի․ հոռետեսական ենթադրության համար ոչ մի հիմք չի կարող լինել։ Պարզպաես այլևս ոչ ոք ոչ մի տեղեկություն չի ունենում գործից և հետագայում էլ չի ունենա։ Նման դեպքերը, բարեբախտաբար, բացառություններ են։ Եթե անգամ Կ֊ի գործին ևս նույն բախտը վիճակվի, ապա գոնե առայժմ նման բնույթ ընդունելուց այն շատ, շատ է հեռու։ Այստեղ դատապաշտպանի աշխատելու համար դեռևս բավական հնարավորություն կա, և Կ֊ն պետք է վստահ լինի, որ դա լիովին կօգտագործվի։ Ինչպես ասվեց, խնդրագիրը դեռ ուղարկված չէ, սակայն դա այնքան էլ հրատապ գործ չէ։ Ազդեցիկ պաշտոնյաների հետ ունեցած նախնական քննարկումներն ավելի կարևոր են, իսկ դրանք արդեն տեղի են ունեցել։ Պետք է խոստովանել, որ հաջողությունները փոփոխական են։ Ավելի լավ կլինի առայժմ մանրամասները չհրապարակել։ Դրանք կարող են տհաճություն պատճառել Կ֊ին․ չափից դուրս կհուսադրեն կամ կվախեցնեն։ Կ֊ն թող իմանա միայն, որ մի քանիսը լավ են արտահայտվել, բարեհաճ են և մեծ հաճույքով են ցանկացել օգնել, մինչդեռ մյուսները պակաս բարեկամաբար տրամադրված լինելով, չեն հրաժարվել օգնություն ցույց տալ։ Ամբողջապես վերցրած, արդյունքն ուրախացնող է, սակայն չի կարելի դրանից ինչ֊որ առանձնահատուկ եզրակացությունների հանգել, որովհետև նախնական քննություններն ընդհանարպես են ունենում նման սկիզբ, և միայն դեպքերի հետագա ընթացքն է դրանց իսկական արժեքը ցույց տալիս։ Համենայնդեպս, առայժմ ոչինչ կորսված չէ և, չնայած ամեն ինչին, եթե մի բան էլ հաջողվի շահել գրասենյակների տնօրենի բարեհաճությունը (այդ ուղղությամբ որոշ բաներ արվել են արդեն), ապա, ինչպես վիրաբույժներն են ասում, վերքը մաքուր է, և կարելի է հանգիստ սպասել, թե ինչ կլինի։
Փաստաբանը այս և նման խոսքերի անսպառ պաշարներ ուներ։ Ամեն մի նոր այցելության ժամանակ դրանք կրկնվում էին։ Ամեն անգամ առաջընթաց քայլեր կային, սակայն երբեք չէր կարելի առաջընթացները հրապարակել, ամեն անգամ նա առաջին խնդրագիրը կազմելու վրա էր աշխատում, բայց դեռ պատրաստ չէր, և հաջորդ այցելության ժամանակ դա մատուցվում էր որպես մեծ առավելություն, որովհետև վերջին ժամանակները շատ աննպաստ էին խնդրագրերը հանձնելու համար, իսկ դա հնարավոր չէր կանխատեսել։ Նման ճառերից լրիվ հոգնած Կ֊ն երբեմն նկատում էր, որ, անկախ բոլոր դժվարություններն հաշվի առնելուց, գործն, իրոք, դանդաղ է առաջ գնում, իսկ դոկտոր Հուլդը առարկում էր, թե բնավ դանդաղ չի ընթանում և բավական առաջ գնացած կլիներ, եթե Կ֊ն ժամանակին դիմեր փաստաբանին։ Նա ձեռքից բաց էր թողել այդ հնարավորությունը, իսկ դա հետագայում՝ և ոչ միայն ժամանակավորպես, իր վատ հետևանքները դեռ ցույց կտար։
Փաստաբանի մոտ լինելիս բավականություն պատճառող միակ ընդմիջումը Լեննին էր։ Նա կարողանում էր գործն այնպես դասավորել, որ Կ֊ի ներկայությամբ էր թեյ մատուցում։ Հետո նա կանգնում էր Կ֊ի թիկունքում, ձևացնում էր, թե հետևում է փաստաբանի շարժումներին՝ ինչպես էր նա մի տեսակ ագահությամբ գավաթի վրա հակված թեյ լցնում և խմում, մինչդեռ ծածուկ թույլ էր տալիս, որ Կ֊ն բռնի իր ձեռքը։ Կատարյալ լռություն էր տիրում․ փաստաբանը թեյն էր խմում, Կ֊ն սեղմում էր Լեննիի ձեռքը, իսկ Լեննին երբեմն֊երբեմն համարձակվում էր քնքշորեն շոյել Կ֊ի մազերը։
― Դեռ այստե՞ղ ես։― Թեյը խմելուց հետո հարցնում էր փաստաբանը։
― Ուզում էի սպասքն հավաքել։― Նրանք վերջին անգամ իրար ձեռք էին սեղմում, փաստաբանը սրբում էր շուրթերը և սկսում նոր եռանդով քարոզ կարդալ։
Փաստաբանի նպատակը սփոփե՞լն էր, թե՞ հիասթափության հասցնելը։ Կ֊ն չգիտեր, սակայն եկավ այն հաստատ եզրակացության, որ պաշտպանությունը հուսալի ձեռքերում չէ։ Փաստաբանի՝ սեփական անձը հնարավորին չափ առաջին պլան մղելու ձգտումը երևում էր պարզ։ Նա հավանաբար դեռ երբեք նման խոշոր գործ՝ ինչպես իր կարծիքով Կ֊ինն էր, չէր վարել։ Թող նրա պատմածները ճիշտ լինեն, սակայն պաշտոնայների հետ ունեցած անձնական կապերի անընդհատ ընդգծումը կասկած էր հարուցում։ Արդյո՞ք դրանք բացառապես ի շահ Կ֊ի կօգտագործվեին։ Փաստաբանը երբեք չէր մոռանում նկատել, որ խոսքը միայն ենթակա պաշտոնյաների մասին էր, այսինքն՝ մեծ կախում ունեցող խաշտոնյաների, որոնց առաջընթացի համար գործերի որոշակի շրջադարձերը հավանաբար կարող էին մեծ նշանակություն ունենալ։ Երևի նրանք փաստաբանին այդ նպատակով էին օգտագործում, որ նման, իհարկե մեղարդյալի համար ոչ ձեռնտու, փոփոխությունների հասնեին։ Գուցե ոչ բոլոր գործերի ժամանակ էին այդպես վարվում (դա հնարավոր չէր), դատավարություններ կային, որոնց ժամանակ փաստաբանին՝ մատուցած ծառայությունների համար զիջումներ անում էին․ երևի դատապաշտպանի հեղինակությունը բարձր պահելը նրանց համար էլ էր կարևոր։ Բայց եթե դա այդպես էր, ինչպես կվարվեին նրանք Կ֊ի դատավարության ժամանակ, որն, համաձայն դոկտոր Հուլդի խոստովանության, շատ դժվար, կարևոր գործ էր և դեռ սկզբում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Նրանց հետագա անելիքները հասկանալու համար այնքան էլ շատ մտածելու անհրաժեշտություն չկար։ Այդպիսի ենթադրության հավաստիության համար որպես ապացույց կարող էր ծառայել այն, որ, չնայած գործը մի քանի ամիս արդեն ընթացքի մեջ էր, առաջին խնդրագիրը դեռ չէր ներկայացվել և, ինչպես փաստաբանն էր ասում, դեռ վերջնական տեսքի չէր բերվել։ Նման ձևով շատ հեշտ կարելի էր մեղադրյալին հանգստացնել և անօգնական վիճակի մեջ պահել։ Հետո, վերջնական դատավճռով կամ նման մի ծանուցմամբ, թե իբր հետաքննության՝ մեղադրյալի համար ոչ ձեռնտու արդյունքները ավելի բարձր մերմինների ննարկմանն են հանձնված, նրան հանկարծակիի կբերեին։ Կ֊ի անմիջական միջամտությունն անպայման անհրաժեշտ էր։ Հենց սարսափելի հոգնած զգալու օրերին էր (ինչպես ձմեռային այդ օրն էր, երբ ակամա վերհիշեց անցած֊գնացածը) նա համոզվում միջամտության անհրաժեշտության մեջ։ Դատավարության հանդեպ նախկինում ունեցած արհամարանքն այլևս անտանելի էր։ Եթե նա մենակ լիներ, ինչ գործ էլ որ հարուցելու լինեին, հանգիստ կանտեսեր, եթե նույնիսկ վստահ էլ լիներ, որ գործը հետո չէր հարուցվի, բայց քեռին նրան արդեն տարել էր փաստաբանի մոտ, պետք է ընտանիքի մնացած անդամների կարծիքների հետ ևս հաշվի նստեր։ Ինքն անձամբ մի քանի ծանոթների մոտ անզգուշորեն, անբացատրելի բավականությամբ խոսել էր դատավարության մասին, մյուսները հասկանալի չէ, թե ինչպես էին տեղեկացել։ Ֆրոյլայն Բյուրստների հետ հարաբերությունները կարծես թե տատանվում էր դատավարության ընթացքին համապատասխան․ կարճ ասած, նա այնքան էլ անկախ չէր դատավարությունից և դատավարությունն ընդունելու կամ մերժելու ընտրություն այլևս չուներ․ խրվել էր, պետք է պաշտպանվեր։ Եթե հոգնած էր, ավելի վատ իր համար։
Սակայն հոգսը չափազանցելու համար առայժմ ոչ մի պատճառ չկար։ Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում նա կարողացել էր բանկում հասնել բարձր պաշտոնի և, բոլորի կողմից ճանաչում գտնելով, պահպանել իր դիրքը։ Այժմ պետք էր առաջընթացը հնարավոր դարձած այդ ունակությունը մի փոքր շրջել դատավարության կողմը, և կասկած լինել չէր կարող, որ վերջը լավ կլիներ։ Եթե ուզում էր որևէ բանի հասնել, հենց սկզբից անհրաժեշտ էր նախօրոք վանել հանցանքի մասին հնարավոր ամեն մի միտք։ Ոչ մի հանցանք։ Դատավարությունը ոչ այլ ինչ էր, քան մի խոշոր գործարք, մեկն այն ձեռնտու գործարքներից, որ նա ինքն էր բանկի համար բազմիցս կնքել, մի գործարք, որի հետ կապված տարբեր վտանգներ կային, որոնցից, սակայն, պետք էր պաշտպանվել։ Համենայնդեպս, թեկուզ հենց այդ պատճառով չէր կարելի խաղալ ինչ֊որ հարցում մեղավոր լինելու զգացման հետ․ հնարավորին չափ ամուր էր պետք կառչել սեփական առավելության մասին ունեցած մտքից։ Այդ տեսակետից ելնելով՝ փաստաբանի ձեռքից պաշտպանությունը վերցնելը անխուսափելի էր, և դա պետք էր անել շատ շուտ, ավելի լավ է հենց այս երեկոյան։ Թեև ըստ նրա պատմությունների, մի չլսված և հավանաբար շատ վիրավորական բան ստացվեր, բայց Կ֊ն չէր կարող թույլ տալ, որ դատավարության համար անձամբ իր գործադրած ջանքերը որևէ արգելքների հանդիպեին, և դրանց պատճառը, հնարավոր է, հենց իր դատապաշտպանը լիներ։ Եթե փաստաբանից ազատվեր, անմիջապես խնդիրագիր կներկայացներ, աստծո ամեն օրը կպահանջեր, որ գործին ուշադրություն դարձնեին։ Այդ նպատակի համար, ինչ խոսք, բավական չէր լինի, որ Կ֊ն մյուսների նման նստեր միջանցքում, գլխարկը դներ նստարանի տակ ու սպասեր։ Ինքն անձամբ, կանայք կամ ուրիշ հանձնակատարաներ ամեն օր կվազեին ծառայողների մոտ և կստիպեին սենյակների ճաղերի արանքից միջանցք նայելու փոխարեն նստել սեղանների մոտ և ուսումնասիրել Կ֊ի ներկայացրած խնդրագրերը։ Այդ ջանքերը չպետք է թուլացվեին, ամեն ինչ կազմակերպել և հսկել էր պետք․ դատարանը գոնե մի անգամ կհանդիպեր իր իրավունքները պաշտպանել կարողացող մեղադրյալի։
Կ֊ն որքան էլ համոզված էր, թե իր ծրագրերը կիրականացնի, միևնույն է խնդրագրի շարադրման դժվարությունը ճնշող էր։ Նախկինում (հենց մի շաբաթ առաջ) նա թերևս ամոթախառն զգացումով մտածեր, թե երբևէ ստիպված կլինի անձամբ զբաղվել նման մի խնդրագիր կազմելով, իսկ որ, ի լրումն այդ ամենի, գործը կարող էր դժվար լինել, չէր պատկերացնում բնավ։ Նա հիշեց, թե ինչպես մի օր, չնայած աշխատանքով ծանրաբեռնված լինելուն, հանկարծ ամեն ինչ մի կողմ հրեց ու խնդրագրի շարադրանքի հաջորդականությունը կազմելու, հետո այն դանդաղաշարժ փաստաբանի տրամադրության տակ դնելու մտադրությամբ հանեց նոթատետրը, և ինչպես նույն պահին բացվեց ղեկավարության դուռն ու տնօրենի տեղակալը բարձրաձայն ծիծաղելով ներս մտավ։ Թեև տնօրենի տեղակալի ծիծաղի պատճառն, ինչ խոսք, խնդրագիրը չէ, այլ քիչ առաջ լսած բորսային կատակը, բայց այն ժամանակ Կ֊ն շատ անհարմար վիճակի մեջ ընկավ։ Կատակը հասկանալու համար գծագիր էր հարկավոր, և տնօրենի տեղակալը՝ գրասեղանին խոնարհվելով, Կ֊ի ձեռքից վերցրեց մատիտը և խնդրագրի համար նախատեսված նոթատետրի էջին քաշեց գծերը։
Այսօր արդեն ամոթի ոչ մի զգացում գոյություն չուներ․ խնդրագիրը պետք է կազմվեր։ Եթե գրասենյակում դրա համար ոչ մի րոպե ժամանակ չգտներ (որ շատ հավանական էր), ապա պետք է աշխատեր տանը, գիշերվա ժամերին։ Եթե գիշերներն էլ չբավականացնեին, ստիպված կլիներ արձակուրդ վերցնել։ Միայն թե ճանապարհի կեսին չլռվեր֊մնար․ դա ոչ միայն գործարքներ կնքելուց, այլ միշտ և ամենուր ամենաանիմաստ բանն էր։ Խնդրագիրը կազմելը հավանաբար անվերջ֊անվախճան աշխատանք էր։ Կարիք չկար այդքան շատ վախենալ, սակայն հեշտուհանգիստ կարելի էր համոզվել, որ խնդրագիրը երբևէ ավարտելն անհնար էր։ Այդ փաստաթղթի պատրաստման ժամանակ փաստաբանին երևի միայն ծուլությունը կամ խարդախությունը խանգարեին, մինչդեռ Կ֊ն անտեղյակ էր մեղադրանքին ու դրա հնարավոր հետևանքներին և պետք է ողջ կյանքը, ընդհուպ մինչև ամենաննշան դեպքերն ու իրադարձությունները վերհիշեր, պատկերացներ ու բոլոր կողմերից քններ։ Եվ ի՜նչ ձանձրալի աշխատանք էր դա։ Միգուցե այդ գործը բնորոշ լիներ թոշակի անցնելուց հետո մանկամիտ դարձած ծերունուն․ նրան երկար օրերը մթնեցնելու համար զբաղմունք էր պետք։ Իսկ Կ֊ն այժմ պետք է սկսեր խնդրագիրը կազմելու աշխատանքը, այժմ, երբ բոլոր ուժերը պետք է կենտրոնացներ աշխատանքի համար, երբ յուրաքանչյուր ժամը սլանում էր անասելի արագությամբ, երբ ինքը դեռ վերելք էր ապրում և տնօրենի տեղակալի համար արդեն վտանգ էր ներկայացնում, երբ ուզում էր պատանու նման վայելել կարճատև երեկոներն ու գիշերները։ Նա մտովի նորից անդրադարձավ հայցին ու, այդ վիճակից դուրս գալու համար, համարյա ակամա սեղմեց նախասենյակի զանգի կոճակը։ Սեղմելիս նայեց ժամացույցին․ տասնմեկն էր։ Երկու երկար ու թանկարժեք ժամ երազներով էր տարվել, և անշուշտ, առաջվանից ավելի թույլ ու հոգնած էր։ Այնուամենայնիվ, ժամանակը վատնված չէր․ նա այնպիսի եզրակացությունների էր հանգել, որոնք կարող էին արժեքավոր լինել։
Տարբեր թղթերից բացի, ծառաները ներս բերեցին նաև արդեն երկար ժամանակ Կ֊ին սպասող երկու պարոնների այցետոմսերը։ Նրանք բանկի համար շատ կարևոր անձնավորություններ էին և ոչ մի դեպքում չէր կարելի սպասեցնել տալ։ Նրանք ինչո՞ւ էին այդքան անպատեհ ժամի եկել, և ինչո՞ւ էր ջանասեր Կ֊ն (թվաց, թե փակ դռան հետևում այդ հարցը տվեցին պարոնները) առավոտվա ամենալավ ժամերը անձնական գործերին տրամադրում։ Նախորդած դեպքերից հոգնած և հոգնած հաջորդներին սպասելով՝ Կ֊ն առաջին այցելուին ընդունելու համար ոտքի կանգնեց։
Ներս մտնողը փոքրամարմին, անշխույժ պարոն էր, ֆաբրիկատեր։ Կ֊ն նրան լավ էր ճանաչում։ Նա ներողություն խնդրեց Կ֊ին կարևոր աշխատանքից կտրելու համար, Կ֊ն իր հերթին՝ ֆաբրիկատիրոջը երկար սպասեցնելու։ Արդեն ներողությունն իսկ Կ֊ն այնպես մեքենայորեն և սխալ շեշտադրությամբ հայտնեց, որ ֆաբրիակտերը, եթե ամբողջովին կլանված չլիներ գործին վերաբրեող հարցերով, հաստատ կնկատեր։ Փոխարենը նա բոլոր գրպաններից փութով հանեց հաշվարկներն ու ցուցակները, փռեց Կ֊ի գրասեղանին, տարբեր տեսակետներ բացատրեց, ուղղեց փոքր սխալը, որ նկատեց նույնիսկ թռուցիկ հայացք նետելով, հիշեցրեց համարյա մի տարի առաջ իրար հետ կնքած նմանատիպ գործարքի մասին, իմիջիայլոց ակնարկեց, թե այս անգամ մի ուրիշ բանկ էր ուզում մեծ զիջումների գնով ձեռք գցել գործարքը, և վերջապես ձայնը կտրեց, որպեսզի այժմ արդեն Կ֊ի կարծիքն իմանար։ Կ֊ն սկզբում ուշադիր հետևում էր ֆաբրիկատիրոջ խոսքերին, կարևոր գործարքի մասին միտքը նրան էլ համակեց, սակայն, ավա՜ղ, ոչ մինչև վերջ։ Շուտով նա դադարեց ունկնդրել, հետո որոշ ժամանակ ֆաբրիկատիրոջ բարձրաձայն խոսքերին ի պատասխան գլխով արեց և վերջում դադարեց նույնիսկ գլխով անել․ թղթերի վրա կռացած ճաղատին էր նայում և ինքնիրեն հարցնում, թե այս մարդը վերջապես ե՞րբ կհասկանա, որ իր խոսելն ամբողջությամբ վերցրած իզուր է։ Երբ նա լռեց, Կ֊ն սկզբում իսկապես մտածեց, թե դադարը խոստովանելու և հնարավորություն տալու համար է․ ինքն անկարող է լսել։ Բոլոր հակաճառումներին բացահայտորեն պատրաստ ֆաբրիկատիրոջ լարված դիմագծերը տեսնելով, Կ֊ն ափսոսանքով նկատեց, որ գործնական խոսակցությունը շարունակվելու է։ Նա կարծես հրաման լսելիս լիներ․ գլուխը կախ էր գցել ու մատիտը դանդաղ այսուայնկողմ էր տանում թղթերի վրա, երբեմն֊երբեմն դադարեցնում էր զբաղմունքը և աչքերը հառում թվերից մեկին։ Ֆաբրիկատերը առարկության էր սպասում․ գուցե թվերը իսկապե՞ս հավաստի չէին, գուցե թվե՞րը չէին կարևորը։ Համենայնդեպս նա ձեռքով ծածկեց թղթերը և կիպ մոտենալով Կ֊ին, նորից սկսեց գործարքի ընդհանուր նկարագրությունը։
― Դժվար է,― ասաց Կ֊ն, ծռեց շուրթերը, և որովհետև թղթերը՝ միակ մատչելի բանը, ծածկված էին, բազկաթոռի արմնակալի վրա խոնարհվեց։ Երբ դուռը բացվեց, նա միայն թռուցիկ հայացքով նայեց վեր և այնտեղ՝ ինչպես թանզիֆե վարագույրի հետևից, աղոտ տեսավ տնօրենի տեղակալին։ Կ֊ն այլևս ոչ մի բանի մասին չէր մտածում, միայն հետևում էր տնօրենի տեղակալի հայտնվելու անմիջական ազդեցությանը։ Դա նրան շատ զվարճալի թվաց, որովհետև ֆաբրիկատերը իսկույն վեր թռավ բազկաթոռից ու տեղակալին ընդառաջ շտապեց։ Ինչ մնում էր Կ֊ին, նա կուզենար ֆաբրիկատիրոջը տասնապատիկ ավելի արագաշարժ դարձնել, որովհետև վախենում էր, թե տեղակալը կարող էր նորից անհետանալ։ Սակայն վախն ավելորդ էր։ Պարոնները տեսան իրար, մեկմեկու պարզեցին ձեռքերը և միասին մոտեցան գրասեղանին։ Ֆաբրիկատերը գանգատվեց, թե հավատարմատարը քիչ է շահագրգռված գործարքով և ցույց տվեց տնօրենի տեղակալի հայացքի տակ կրկին թղթերի վրա խոնարհված Կ֊ի կողմը։ Հետո, երբ երկուսով հենվեցին գրասեղանին, և ֆաբրիկատերն այժմ սկսեց տնօրենի տեղակալին իր կողմը տրամադրել, Կ֊ին թվաց, թե գլխավերևում (նրանց մեծությունը նա չափազանցված էր պատկերացնում) հենց իր մասին են խոսում։ Նա զգուշորեն վեր հառած աչքերով փորձեց իմանալ, թե ինչ է կատարվում գլխավերևում և առանց նայելու՝ գրասեղանից վերցնելով ձեռքն ընկած թղթերից մեկը, դրեց բաց ափի մեջ ու ձեռքը պարոններին պարզած, դանդաղ վեր բարձրացավ։ Այդ պահին նա որոշակի ոչինչ չէր մտածում։ Թուղթը վեր պարզելիս նրան թվում էր, որ եթե վիճակը վերջնականապես թեթևացնող մեծածավալ խնդրագիրը ավարտած լինի, ապա հենց այդպես կվարվի։ Համակ ուշադրութոյւն դարձած ֆաբրիկատիրոջն հետևող տնօրենի տեղակալը թռուցիկ հայացք գցեց թղթին, աչքի չանցկացրեց, թե ինչ է գրված այնտեղ, որովհետև ինչ կարևոր էր թվում հավատարմատարին, նրա կարծիքով անկարևոր էր։
― Շնորհակալություն, ես արդե՛ն ամեն ինչին տեղյակ եմ։― Ասաց նա, Կ֊ի ձեռքից վերցնելով թուղթը և հանգիստ դրեց սեղանին։ Կ֊ն դառնացած հայացքով կողքանց նայեց նրան, սակայն տնօրենի տեղակալը բնավ չնկատեց այդ հայացքը կամ եթե նկատեց էլ, ապա ավելի աշխուժացավ, սկսեց ավելի հաճախ բարձրաձայն ծիծաղել, հնարամիտ առարկությամբ ակնհայտորեն շփոթեցրեց ֆաբրիկատիրոջը, սակայն ինքնիրեն առարկելով, նրան իսկույն հանեց անհարմար վիճակից և վերջում առաջարկեց իր գրասենյակն անցնել, ուր կարող էին վերջացնել գործարքը։
― Շատ կարևոր գործ է,― ասց նա ֆաբրիկատիրոջը։― Ես հասկանում եմ դրա ողջ կարևորությունը, իսկ պարոն հավատարմատարի համար, ինչ խոսք, շատ ավելի լավ կլինի, եթե նրանից վերցնենք սա։― Անգամ այս խոսքերն արտասանելիս նա բացառապես ֆաբրիատիրոջ հետ էր խոսում։― Գործը հանգիստ կշռադատել է պահանջում, մինչդեռ նա, թվում է, շատ է ծանրաբեռնված այսօր, և հետո, մի քանի հոգի արդեն երկար ժամանակ նրան են սպասում։
Կ֊ն դեռ տիրապետում էր ինքնիրեն, որ շրջվեր տնօրենի տեղակալից և մտերմիկ, քարացած ժպիտըմիայն ֆաբրիկատիրոջը դարձներ, սակայն նա բնավ չմիջամտեց, այլ կառավարակետին երկու ձեռքով հենցված գործերի կառավարչի նման փոքր֊ինչ առաջ թեքված հետևեց, թե ինչպես երկու պարոնները զրույցը շարունակելով, սեղանի վրայից հավաքեցին թղթերը և անեհտացան ղեկավարության սենյակում։ Դռան մեջ ֆաբրիկատերը շրջվեց, հայտնեց, որ դեռևս հրաժեշտ չի տալիս, քննարկման արդյունքերի մասին կտեղեկացնի պարոն Կ֊ին և, բացի այդ, դեռ նրան հայտնելու մի փոքր բան ունի։
Վերջապես Կ֊ն մենակ էր։ Նա բնավ մտադիր չէր հաջորդ այցելուին ընդունել, և աղոտ կերպով նրա գիտակցությանն հասավ այն միտքը, թե ինչքան հաճելի էր, երբ դրսում նստած մարդիկ մտածում էին, թե ինքը շարունակ ֆաբրիկատիրոջ հետ է խորհրդակցում և այդ պատճառով ոչ ոք, նույնիսկ ծառան, ներս չէր մտնում։ Նա մոտեցավ պատուհանին, նստեց գոգին, ամուր կառչեց բռնակից ու նայեց դուրս՝ հրապարակին։ Ձյունը չէր դադարում, առաջվա պես մառախուղ էր։
Նա՝ առանց իմանալու, թե իսկապես ի՞նչն էր տանջում իրեն, երկար նստեց այդպես։ Միայն ժամանակ առ ժամանակ ուսի վրայով վախվորած նայում էր նախասենյակի դռան կողմը, որովհետև թվում էր, թե աղմուկ է լսում։ Բայց ոչ ոք ներս չմտավ, նա հանգստացավ, մոտեցավ լվացարանին, սառը ջրով լվացվեց և, ավելի թարմացած՝ վերադարձավ պատուհանագոգի իր տեղը։ Պաշտպանությունը սեփական ձեռքը վերցնելու որոշումը նրան ավելի ծանր թվաց, քան սկզբում էր ենթադրել։ Ինքը, քանի դեռ պաշտպանությունը փաստաբանին էր թողել, դատավարության հետ, ընդհանրապես վերցրած, քիչ էր առնչվում, միայն հեռվից էր դիտում և հազիվ թե հասանելի լիներ նրա համար․ երբ ուզենար, կարող էր ստուգել, թե ինչպես է ընթանում գործը, սակայն ցանկացած պահին կարող էր նաև ետ քաշվել։ Այժմ՝ հակառակը։ Եթե ուզում էր անձամբ վարել պաշտպանությունը, ստիպված էր թեկուզ տվյալ պահին՝ ամբողջոովին ենթարկվել դատարանին։ Պաշտպանության հաջողությունը հետագայում լիակատար և վերջնական ազատության կվերածվեր, սակայն դրան հասնելու համար նա հիմա պետք է ավելի մեծ վտանգի ենթարկվեր, քան մինչև այժմ։ Եթե փորձեր կասկածել, ապա ֆաբրիկատիրոջ և տնօրենի տեղակալի միախմբելու այսօրվա փաստը հակառակ համոզմանը հանգեցնելու համար բավական էր։ Բայց ինչպե՞ս էր ինքնիրեն պաշտպանելու խեղճուկրակ որոշմամբ համակված հանգիստ նստել։ Ի՞նչ էր լինելու հետագայում։ Ա՛յ թե օրեր էին սպասում իրեն։ Արդյո՞ք կկարողանա՞ր գտնել բոլոր դժվարությունների միջով լավ ավարտի հանգեցնող ճանապարհը։ Արդյոք բարեխիղճ պաշտպանությունը (բարեխղճորեն չնախապատրաստվելը անմտություն էր), արդյոք արդյոք բարեխիղճ պաշտպանությունը շրջապատող ամեն ինչից հնարավորին չափ մեկուսանալու անհրաժեշտություն չէ՞ր նշանակում։ Կհաջողվե՞ր հաղթահարել։ Իսկ ի՞նչ պետք է աներ բանկում, դրա իրականացման համար։ Խոսքը միայն խնդրագրի մասին չէր․ դրա պատրաստման համար արձակուրդը, թերևս, բավականացներ։ Պետք էր խոստովանել, որ հենց այս պահին արձակուրդ խնդրելը մեծ համարձակության հետ էր կապված, որովհետև խոսքը դատավարության մասին էր, իսկ դրա տևողությունը հնարավոր չէր կանխատեսել։ Այ թե խոչընդոտի հանդիպեց Կ֊ն՝ ծառայողական աստիճանով վեր բարձրանալիս։ Եվ ա՞յս պահին դեռ պետք է բանկի համար աշխատեր։ Նա հայացքը գրասեղանի կողմը դարձրեց։ Ա՞յժմ պետք է այցելուներ ընդուներ ու բանակցեր հետները։ Երբ առաջ էր ընթանում իր դեմ հարուցած գործը, երբ ձեղնահարկում նստած պաշտոնյաները գործի հետ կապված արձանագրություններ էին աչքի անցկացնում, ինքը պետք է զբաղվեր բանկի գործարքներո՞վ։ Արդյոք դատարանի կողմից հավանության արժանացած տանջանք չէ՞ր սա, որ սերտորեն կապված էր դատավարության հետ և ուղեկցում էր դրան։ Եվ արդյո՞ք բանկում կատարած աշխատանքը քննարկելու ժամանակ այս արտասովոր վիճակը հաշվի կառնեին։ Ո՛չ ոք և երբե՛ք։ Թեև այնքան էլ պարզ չէր, թե ո՞վ և որքանո՞վ էր տեղյակ դատավարությունից, սակայն Կ֊ի գործը այլևս գաղտնիք չէր։ Այդ փսփսոցները հավանաբար դեռ չէին հասել տնօրենի տեղակալին, հակառակ դեպքում կարելի կլիներ պարզ տեսնել, թե ինչպես է նա՝ առանց հաշվի առնելու, որ իրենք գործընկերն են, իրեն հասած լուրերը անմարդկային կերպով օգտագործում Կ֊ի նկատմամբ և, եթե գործի էությանը տեղյակ լիներ, հնարավոր է վիճակը թեթևացնելու համար ձեռքից եկած որոշ բաներ աներ։ Սակայն երևում էր, որ նա ոչինչ չգիտեր, առավել ևս, որ այժմ ավելի շատ տեղակալի ազդեցության տակ էր (Կ֊ի մինչև այսօր հանդես բերած հակազդեցությունը սկսել էր թուլանալ), իսկ վերջինս տնօրենի հիվանդագին վիճակը օգտագործում էր սեփական դիրքերի ամրապնդման համար։ Ի՞նչ հույս կարող էր ունենալ Կ֊ն։ Գուցե նման մտքերը թուլացնում էին դրա դիմադրելու ուժը, բայց ախր մոլորության մեջ էլ պետք չէր ընկնել, և հարկավոր էր ամեն ինչ հնարավորինս չափ պարզ պատկերացնել։
Առանց որևէ հիմնավոր պատճառի, առայժմ գրասեղանի մոտ չվերադառնալու համար, նա բացեց պատուհանը։ Դա նրան դժվարությամբ հաջողվեց․ պետք էր երկու ձեռքով պտտեցնել բռնակը։ Պատուհանի ողջ լայնքով ու երկայնքով մեկ ծխախառն մառախուղը թափանցեց սենյակ ու այրվածքի թեթև հոտով լցրեց։ Ձյան մի քանի փաթիլներ ներս թռան։
― Զզվելի աշուն է։― Կ֊ի թիկունքում լսվեց ֆաբրիկատիրոջ ձայնը։ Տնօրենի տեղակալի մոտից դուրս գալով, նա աննկատ մտել էր այստեղ։ Կ֊ն գլխով արեց և անհանգիստ նայեց ֆաբրիկատիրոջ պայուսակին, որից նա հիմա հավանաբար թղթեր հաներ և սկսեր պատմել ունեցած խոսակցության արդյունքների մասին։ Ֆաբրիկատերը բռնացրեց Կ֊ի հայացքը, տկտկացրեց պայուսակին և առանց բացելու ասաց․
― Ուզում եք իմանալ՝ ինչպե՞ս վերջացավ։ Գործարքը համարյա պատրաստ վիճակում գրպանումս է։ Հիանալի մարդ է ձեր տնօրենի տեղակալը, բայց չէի ասի, թե անվտանգ։― Նա ծիծաղեց, թափ տվեց Կ֊ի ձեռքը և ուզեց նրան էլ ծիծաղեցնել։ Սակայն այժմ Կ֊ն սկսեց կասկածել, թե ինչո՞ւ ֆաբրիկատերը չուզեց ցույց տալ թղթերը և դիմացինի խոսքերում ծիծաղելի ոչինչ չգտավ։
― Պարոն հավատարմատար, գուցե եղանակը վա՞տ է ազդում Ձեզ վրա։ Դուք այսօր ընկճված տեսք ունեք։
― Այո,― պատասխանեց Կ֊ն և ձեռքը տարավ դեպի քունքը։― Գլխացավ, ընտանեկան հոգսեր։
― Շատ ճիշտ է,― ասաց ֆաբրիկատերը։ Նա աճապարող բնավորություն ուներ և սովոր չէր որևէ մեկին հանգիստ լսել։― Ամեն մարդ ինքը պետք է իր խաչը տանի։― Կ֊ն ակամայից մի քայլ առաջ գնաց, կարծես ուզում էր դուրս ուղեկցել ֆաբրիկատիրոջը, սակայն վերջինս ասաց․― պարոն հավատարմատար, ես մի բան էի ուզում հայտնել։ Վախենում եմ, որ հենց այսօր գուցե ավելի ծանրաբեռնեմ Ձեզ, բայց արդեն երկու անգամ եղել եմ բանկում և ամեն անգամ մոռացել եմ ասել։ Իսկ եթե այսօր էլ հետաձգեմ, ասելիքս երևի լրիվ կորցնի իմաստը, մինչդեռ շատ ափսոս կլիներ, որովհետև այնքան էլ անարժեք չէ։
Մինչ Կ֊ն պատասխանելու ժամանակ կգտներ, ֆաբրիկատերն ավելի մոտեցավ, մատով տկտկացրեց նրա կրծքին ու ցածր ձայնով ասաց․
― Դատարանում Ձեր դեմ գործ կա, այնպես չէ՞։
― Տնօրենի տեղակա՞լը հայտնեց Ձեզ։― Ընկրկելով բացականչեց Կ֊ն։
― Ի՞նչ եք ասում, նա որտեղի՞ց պետք է իմանար։
― Իսկ Դո՞ւք։― Արդեն ավելի զուսպ հարցրեց Կ֊ն։
― Դատարանից ես որոշ բաներ իմանում եմ մեկ֊մեկ։ Հենց այդ մասին էի ուզում խոսել Ձեզ հետ։
― Դատարանի հետ ինչքան շատ մարդ կա առնչվող։― Գլխիկոր խոսեց Կ֊ն և գրասեղանի կողմն ուղեկցեց ֆաբրիկատիրոջը։ Նրանք առաջվա պես դեմդիմաց նստեցին։
― Ցավոք, շատ բան չեմ կարող հայտնել,― ասաց ֆաբրիկատերը։― Սակայն նման հարցերում մարդ ամենաաննշան բանն անգամ չպետք է աչքաթող անի։ Դրանից բացի, ինչքան էլ իմ օգնությունը համեստ լինի, ուզում եմ Ձեզ ինչ֊որ կերպ օգնած լինել։ Մենք, ախր, առօրյա լավ ենք համագործակցել իրար հետ, այնպես չէ՞։― Կ֊ն ուզեց ներողություն խնդրել այսօրվա ընդունելության ժամանակ ցույց տված վերաբերմունքի համար, բայց ֆաբրիկատերը թույլ չտվեց ընդհատել և, ցանկանալով հասկացնել, որ շտապում է, պայուսակը ավելի բարձր խցկեց թևի տակ ու շարունակեց։― Ձեր գործի մասին ես ոմն Տիտորելլիից եմ իմացել։ Նա նկարիչ է։ Տիտորելլին նրա ծածկանունն է, իսկական անունը չեմ կարող ասել։ Արդեն քանի տարի է, երբեմն֊երբեմն գալիս է իմ գրասենյակը և հետը նկարներ է բերում։ Փոքր նկարներ են, որոնց համար (նա մուրացկանի հավասար մարդ է) ողորմության պես բան եմ տալիս նրան։ Դրանք, ի դեպ, արտակարգ նկարներ են․ մարգագետիններ և նման բաներ։ Մեր առևտուրը հարթ ընթանում էր իր համար, երկուսս էլ ընտելացել էինք։ Մի անգամ, սակայն, նրա այցելությունները չափազանց հաճախակի դարձան, ես նախատեցի նրան, խոսքի բռնվեցինք, հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս է կարողանում միայն նկարներով գոյությունը պահպանել, և, ի զարմանս ինձ, իմացա, որ նրա եկամուտների հիմնական աղբյուրը դիմանկարչությունն է։ Նա ասաց, որ դատարանի համար է աշխատում։ Ի՞նչ դատարան, հարցրեցի ես։ Եվ նա պատմեց։ Դուք երևի ավելի լավ կարողանաք պատկերացնել, թե ինչքան էի զարմացած այդ պատմությունից։ Դրանից հետո նրա յուրաքանչյուր այցելության ժամանակ որևէ նորություն իմանում եմ դատարանի մասին և դրանով իսկ որոշակի պատկերացում կազմում։ Տիտորելլին, համենայնդեպս, զավզակ բնավորություն ունի, և հաճախ է հարկ լինում պաշտպանվել նրանից ոչ միայն, որովհետև նա, իհարկե, նախ ստում է, այլ ամենից առաջ այն պատճառով, որ ինձ նման գործարար մարդը, որ ուժասպառ է լինում գործարքների պատճառած հոգսերից, այնքան էլ շատ չի կարող ուրիշ բաներով հետաքրքրվել։ Դա իմիջիայլով։ Այժմ ես մտածեցի, որ Տիտորելլին գուցե կարողանա փոքր֊ինչ օգտակար լինել Ձեզ։ Նա շատ դատավորների է ճանաչում և եթե նույնիսկ մեծ ազդեցություն էլ չունենա, ապա կարող է խորհուրդներ տալ, թե ինչպես գտնեք ուրիշ ազդեցիկ մարդկանց։ Իսկ եթե խորհուրդներն իրենցից էական ոչինչ չներկայացնեն, ապա, իմ կարծիքով, դրանք Ձեր ձեռքի տակ մեծ նշանակություն կունենան։ Դուք ախր համարյա փաստաբան եք։ Ես սովորություն ունեմ ասելու՝ հավատարմատար Կ֊ն փաստաբանի հավասար մարդ է։ Օ, Ձեր դատավարաությունը բնավ չի անհանգստացնում ինձ։ Կգնա՞ք Տիտորելլիի մոտ։ Իմ երաշխավորույթյամբ նա, անկասկած, հնարավոր ամեն ինչ կանի։ Ես կարծում եմ, որ Դուք, իրոք, պետք է գնաք նրա մոտ։ Դա, իհարկե, կարող եք ոչ այսօր անել։ Մի օր, հենց այնպես, պատահաբար։ Համենայնդեպս, ուզում եմ ասել, որ իմ խորհուրդը չպետք է պարտավորեցնի Ձեզ։ Ոչ։ Եթե կարծում եք, թե կարող եք առանց Տիտորելլիի յոլա գնալ, ինչ խոսք, ավելի լավ կլինի նրան մի կողմ թողնել։ Երևի Դուք որևէ կոնկրետ ծրագի՞ր ունեք և Տիտորելլին կարող է խանգարե՞լ։ Ոչ, այդ դեպքում բնավ մի դիմեք նրան։ Նման մի մարդու խորհուրդներն հանդուրժելու համար, անշուշտ, ուժերի լարում է պետք։ Այսինքն, ինչպես գիտեք։ Ահա երաշխավորագիրը և հասցեն։
Կ֊ն հուսախաբ վերցրեց նամակը և խցկեց գրպանը։ Նույնիսկ լավագույն դեպքում երաշխավորագրի ենթադրվող առավելությունը անհամեմատ ավելի փոքր էր պատճառած վնասներից․ ֆաբրիկատերը տեղյակ էր դատավարությանը, իսկ նկարիչը կտարածեր լուրը։ Նա հազիվ կարողացավ ստիպել իրեն մի քանի բառով շնորհակալություն հայտնել դեպի դուռը գնացող ֆաբրիկատիրոջը։
― Կամ կգնամ,― դռան մոտ հրաժեշտ տալով ասաց նա,― կամ որովհետև շատ եմ զբաղված, կգրեմ, թող մի անգամ ինձ մոտ՝ գրասենյակ անցնի։
― Գիտեի, որ լավագույն ելքին կդիմեք, բայցևայնպես, կարծում եմ, ավելի լավ կլինի Տիտորելլիի նման մարդկանց դատական գործի մասին խոսելու համար բանկ հրավիրելուց խուսափեք։ Եվ հետո, այդպիսի մարդկանց ձեռքը նամակ տալը ոչ միշտ է ձեռնտու։ Սակայն, Դուք, իհարկե, ամեն ինչ կշռադատել եք և լավ գիտեք, թե ինչպես է պետք վարվել։― Կ֊ն գլխով արեց և ֆաբրիկատիրոջը նախասենյակով էլ ուղեկցեց։ Նա, չնայած արտաքին անվրդով տեսքին, ինքն իրենից շատ էր վախեցած․ որ Տիտորելլիին նամակ կգրի, ինչ խոսք, միայն ֆաբրիկատիրոջ խորհուրդը գնահատած լինելու համար ասաց և ուզեց ցույց տալ, որ անմիջապես կմտածի Տիտորելլիի հետ կապվելու հնարավորության մասին, բայց եթե նկարչի օժանդակությունը իսկապես պետքական համարեր, ապա երբեք չէր տատանվի գրել նրան։ Դրան հաջորդելիք վտանգները նա միայն ֆաբրիկատիրոջ խոսքերից հետո նկատեց։ Իրո՞ք արդեն սեփական խելքին այդքան քիչ էր կարող վստահել։ Եթե կարող էր նման մի կասկածելի մարդու պարզ֊պարզ շարադրված նամակով բանկ հրավիրել և նրանից խորհուրդներ աղերսել, այն ժամանակ, երբ ընդամենը մի դուռ էր բաժանում իրեն տնօրենի տեղակալից, արդյոք հնարավոր և նույնիսկ շատ հավանական չէ՞ր, որ անտեսում էր մյուս վտանգները կամ ինքն էր անձամբ իրեն վտանգի ենթարկում։ Զգուշացնելու համար ոչ միշտ էր որևէ մեկը կողքին կանգնած։ Եվ հենց հիմա՞ պետք է սեփական զգոնության վերաբերյալ մինչև այժմ անծանոթ կասկածներ երևան գային, երբ ինքը ուզում էր հանդես գալ ուժերն ի մի բերած։ Արդյոք գրասենյակային աշխատանքի ժամանակ զգացած դժվարությունները դատավարությամբ զբաղվելիս է՞լ ի հայտ կգային։ Այժմ նա, համենայնդեպս, չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ ուզեց նամակ գրել Տիտորելլիին և բանկ հրավիրել։
Կ֊ն դեռ զարմացած տարուբերում էր գլուխը, երբ ծառան մոտեցավ և նախասենյակում նստած երեք պարոնների վրա հրավիրեց ուշադրությունը․ նրանք արդեն բավական երկար ժամանակ է սպասում էին։ Երբ Կ֊ն ծառայի հետ էր խոսում, նրանք ոտքի կանգնեցին, և ամեն մեկն ուզում էր մյուսներից շուտ օգտագործել Կ֊ին մոտենալու հնարավորությունը։ Քանի որ բանկի աշխատանկիցները այցելուներին անուշադրության մատնելով ստիպում էին սպասասրահում ժամանակ կորցնել, նրանք որոշեցին ներողամիտ չլինել։
― Պարոն հավատարմատար։― Խոսեց նրանցից մեկը, բայց Կ֊ն ծառային արդեն պատվիրել էր վերարկուն բերել և երբ նրա օգնությամբ հագնում էր, դիմեց բոլոր երեքին․
― Ներեցեք, պարոնայք, սակայն այս պահին ձեզ ընդունելու համար ոչ մի րոպե ժամանակ չունեմ։ Ներողություն եմ խնդրում, անհետաձգելի գործեր ունեմ և ստիպված եմ անմիջապես հեռանալ։ Դուք, ախր, ինքներդ տեսաք, թե ինչքան ժամանակ կորցրեցի։ Բարի եղեք գալ վաղը կամ ուրիշ ցանկացած օր։ Գուցե հեռախոսո՞վ խոսենք գործի մասին կամ երևի կարճ հայտնեք բանն ի՞նչ է, և ես գրավոր մանրամասն պատասխան տամ ձեզ։ Համենայնդեպս, լավ կլիներ ուրիշ անգամ գայիք։― Կ֊ի առաջարկները այնպիսի շփոթության մեջ գցեցին երեք պարոններին, որ նրանք, հասկանալով, որ լրիվ իզուր են այդքան սպասել, լուռ նայեցին իրար երեսի։
― Դե, ուրեմն համամի՞տ եք ինձ հետ։― Գլխարկը բերելու գնացած ծառայի կողմը շրջված, հարցրեց Կ֊ն։ Առանձնասենյակի բաց դռան միջով երևում էր, թե դրսում ձյան տեղատարափը ինչպես էր ուժեղացել։ Այդ տեսնելով, Կ֊ն բարձրացրեց վերարկուի օձիքը և կոճկեց պարանոցի կոճակները։ Նույն պահին կողքի սենյակից դուրս եկավ տնօրենի տեղակալը, ժպտալով նայեց երարկուն հագին պարոնների հետ բանակցող Կ֊ին և հարցրեց․
― Պարոն հավատարմատար, Դուք գնո՞ւմ եք։
― Այո,― ուղղվելով ասաց Կ֊ն։― Մի գործի կապակցությամբ։
― Իսկ պարոննե՞րը։― Սպասասրահում նստածների կողքը շրջվելով, հարցրեց տնօրենի տեղակալը։― Կարծեմ նրանք բավական երկար են սպասել։
― Մենք արդեն համաձայնության ենք եկել։
Սակայն պարոններն արդեն չսպասեցին։ Նրանք շրջապատեցին Կ֊ին և հայտարարեցին, որ եթե իրենց գործերը կարևոր չլինեին, հենց այժմ առաձին խոսելու, քննարկելու ենթակա չլինեին, իրենց այդքան երկար չէին սպասի։ Տնօրենի տեղակալը լսեց նրանց, նայեց ձեռքում պահած գլխարկի վրայից փոշին տեղ֊տեղ սրբող Կ֊ին և ասաց․
― Պարոնայք, մի պարզ ու հասարակ ելք կա։ Եթե կարողանամ գոհացնել ձեզ, ապա պարոն հավատարմատարի փոխարեն հաճույքով կստանձնեմ ձեզ լսելու պարտականությունը։ Ձեր գործերն, անշուշտ, անմիջապես պետք է քննարկվեն։ Մենք էլ ձեզ նման՝ գործի մարդիկ ենք և գիտեք ճիշտ գնահատել ժամանակը։ Ներս համեցեք։― Նա բացեց իր գրասենյակի սպասասրահը տանող դուռը։
Տնօրենի տեղակալը լավ էր կարողանում ստանձնել այն ամենը, ինչ այժմ Կ֊ն էր թողնում անհրաժեշտությունից դրդված։ Սակայն արդյոք նա անհրաժեշտ եղածից շատ չէ՞ր բաց թողնում։ Երբ անորոշ և, ինչպես ինքը պետք է խոստովաներ, աննշան հույսերով վազում էր անծանոթ նկարչի մոտ, բանկում իր հեղինակությանը անբուժելի հարված հասավ։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ կրկին հաներ վերարկուն և ստիպված առաջին այցելուի դուրս գալուն սպասող երկու պարոններին գոնե նորից իր կողմը գրավեր։ Կ֊ն երևի այդպես էլ վարվեր, եթե նույն պահին իր սենյակում չտեսներ գրադարակների մոտ կանգնած ու ինչ֊որ բան փնտրող (կարծես սեփական առանձնասենյակում լիներ) տնօրենի տեղակալին։ Երբ Կ֊ն հուզված տեսքով մտեցավ դռանը, նա շուռ եկավ ու կանչեց․
― Ախ, Դուք դեռ չե՞ք գնացել։― Նրա դեմքի ձգված մկանները կարծես ոչ թե տարիքի, այլ ուժի ապացույց լինեին։― Պայմանագրի պատճեններն են հարկավոր։ Ֆիրմայի ներկայացուցիչը պնդում է, թե Ձեզ մոտ պետք է լինեն։ Չէի՞ք օգնի ինձ։― Փնտրտուքը վերսկսելով ասաց նա։ Կ֊ն մի քայլ արեց։― Շնորհակալություն, արդեն գտա,― ասաց տնօրենի տեղակալը և, փաստաղթերի հաստ թղթապանակը ձեռքին, վերադարձավ իր սենյակը։ Այնտեղ պայմանագրից բացի հաստատ ուրիշ փաստաթղթեր էլ կային։
«Առայժմ չեմ կարող հետը խոսել։― Մտածեց Կ֊ն։― Թող դեռ իմ անձնական գործերի դժվարությունները հաղթահարվեն, նա իսկապես առաջին մարդը կլինի, որ կզգա այդ բանը, և շատ դառը կզգա»։ Այդ մտքից որոշ չափով հանգստացած՝ Կ֊ն միջանցքի դուռը վաղուց բաց պահած ծառային պատվիրեց առիթի դեպքում զեկուցել տնօրենին, որ ինքը գործով տեղ է գնացել և, երկար ժամանակով իր գործով զբաղվելու հնարավորություն ունենալու մտքից կիսով չափ ուրախացավ՝ դուրս եկավ բանկից ու անմիջապես մեկնեց նկարչի մոտ։
Նկարիչն ապրում էր դատարանային գրասենյակների արվարձանի հակադիր ծայրամասում։ Տեղանքն այդտեղ ավելի աղքատ էր, տներն՝ ավելի մութ, փողոցները լի էին հալչող ձյան մակերևույթին այսուայնտեղ թափթփված աղբով։ Նրա բնակված շենքի մեծ դարպասի միայն մի թևն էր բաց, մյուս թևի վրա՝ պատի մեջ, անցք էր բացված, և երբ Կ֊ն մոտեցավ, գոլորշի արձակող դեղնավուն, զզվելի հեղուկ հոսեց, որից վախեցած մի քանի առնետներ փախան֊մտան խողովակը։ Աստիճանների ներքևի մասում՝ գետնին, փորնիվար պառկած մի փոքր երեխա էր լաց լինում, սակայն դարպասի մյուս կողմի մուտքում գտնվող թիթեղագործի արհեստանոցի՝ ամեն մի ուրիշ ձայն խլացնող աղմուկը թույլ չէր տալիս լսել նրա լացը։ Արհեստանոցի դուռը բաց էր, երեք աշակերտները կիսաշրջան կազմած կանգնել էին պատրաստվող մասի մոտ և խփում էին թակերով։ Պատից կախված սպիտակ թիթեղի մեծ թերթը գունատ լույս էր արձակում, որ թափանցում էր երկու օգնականների արանքից և լուսավորում էր նրանց դեմքերը ու գոգնոցները։ Դրանք միայն Կ֊ի թռուցիկ հայացքին արժանացան։ Նա ուզում էր հնարավորին չափ արագ վերջացնել այստեղի գործը, նկարչից սոսկ մի քանի բան հարցուփորձ անել և անմիջապես վերադառնալ բանկ։ Եթե այստեղ թեկուզ աննշան իսկ հաջողություն ունենար, ապա բանկի այսօրվա աշխատանքի վրա դա լավ ազդեցություն կունենար։ Չորրորդ հարկում նա ստիպված էր քայլերը փոքրացնել, որովհետև շունչը լրիվ կտրվել էր, աստիճանները՝ հարկաբաժինները ևս, անսովոր բարձր էին, իսկ նկարիչը երևի ամենավերևում, ձեղնահարկի սենյակներից մեկում էր ապրում։ Օդն էլ էր հեղձուչից․ ոչ մի սանդղահարթակ չկար, նեղ աստիճանը աջ ու ձախ կողմերից սեղմված էր պատերի մեջ, ուր այսուայնտեղ՝ ամենավերևում, միայն մի քանի նեղ պատուհաններ էին երևում։ Կ֊ն հենց այն ժամանակ կանգ առավ, երբ բնակարաններից մեկից մի քանի փոքրիկ աղջիկներ դուրս վազեցին և ծիծաղելով, շտապեցին աստիճաններն ի վեր։ Կ֊ն դանդաղ հետևեց նրանց, հասավ մեկին, որ սայթաքել էր ու մյուսներից ետ մնացել, և կողք֊կողքի վեր բարձրանալու ժամանակ հարցրեց․
― Այստեղ Տիտորելլի ազգանունով նկարիչ բնակվո՞ւմ է։
Հազիվ տասներեքամյա, փոքր֊ինչ սապատավոր աղջնակն այդ խոսքի վրա արմունկով հրեց նրան ու կողքանց նայեց․ ո՛չ տարիքը, ո՛չ էլ մարմնական արատը կարող էին խանգարել, որ արդեն լրիվ փչացած լիներ։ Նա չժպտաց նույնիսկ, այլ լուրջ, պահանջկոտ հայացքով նայեց Կ֊ին, ոչ չնկատելու տվեց աղջկա շարժուձևերը և հարցրեց․
― Դու նկարիչ Տիտորելլիին ճանաչո՞ւմ ես։
― Ի՞նչ եք ուզում նրանից։― Գլխով արեց աղջնակն ու հարցրեց իր հերթին։
Նկարչի մասին արագ որոշ բաներ իմանալը ձեռնտու թվաց Կ֊ին։
― Ուզում եմ, որ նկարի ինձ։
― Նկարի՞։― Աղջնակն արտասովոր լայն բացեց բերանը, ձեռքով թեթևակի հրեց Կ֊ին, կարծես վերջինս անակնկալ կամ անհարմար բան էր ասել, երկու ձեռքով բարձրացրեց առանց այն էլ կարճ շրջազգեստը և ուժերի ներածին չափ արագ վազեց մյուսների հետևից, որոնց աղմուկը անորոշ մի տեղ՝ վերևում, լռել էր արդեն։ Սակայն ասիտճանի հաջորդ շրջադարձին Կ֊ն կրկին տեսավ աղջնակներին։ Պարզ երևում էր, որ սապատավորը հայտնել էր Կ֊ի մտադրությունը, և նրանք սպասում էին․ կանգնել էին աստիճանների երկու եզրերին, սեղմվել էին պատին, որ Կ֊ն հնարավորություն ունենար առանց նեղվելու անցնել իրենց արանքով, և ձեռքերով գոգնոցներն էին հարթեցնում։ Նրանց դեմքերը և շարք կանգնելը երեխայության ու արատավորության խառնուրդ էր ներկայացնում։ Կ֊ի թիկունքնում ծիծաղելով իրար խառնված շարքի վերևում այժմ սապատավորն էր կանգնել․ նա առաջնորդում էր։ Կ֊ն նրան պետք է շնորհակալ լիներ, որ անմիջապես ճիշտ ճանապարհը գտավ։ Նա ուզում էր ուղիղ վեր բարձրանալ, մինչդեռ աղջնակը ցույց տվեց, որ եթե ուզում է Տիտորելլիի մոտ գնալ, պետք է աստիճանների ճյուղավորումներից մեկն ընտրի։ Նրա սենյակը տանող աստիճանը անսովոր նեղ էր, շատ երկար ու առանց շրջադարձների, երևում էր իր ողջ երկարությամբ մեկ և անմիջապես դռան մոտ էր վերջանում։ Չսպիտակեցված գերաններից սարքած դուռը, որի վրա լայն վրձնահարվածներով, կարմիր գույնով գրված էր նկարչի անունը՝ «Տիտորելլի», վերևում բացված փոքր ու շեղ օդանցքից թափվող լույսի շնորհիվ ավելի լավ էր լուսավորված, քան աստիճանները։ Խմբի ուղեկցությամբ Կ֊ն հազիվ էր հասել աստիճանների կեսին, երբ նկարչի դուռը փոքր ճեղքի չափով բացեց (հանգիստ կարելի էր կռահել, որ դրա պատճառը բարձրացողների ոտնաձայնն էր) և, հավանաբար, միայն գիշերազգեստ հագած մի տղամարդ երևաց բացվածքի մեջ։
― Օ՜հ։― Մոտեցող բազմությանը նկատելով, բացականչեց նա ու անհետացավ։ Սապատավոր աղջնակը ուրախությունից ծափ տվեց, իսկ խմբի մնացած անդամները ավելի արագ առաջ մղելու համար սկսեցին թիկունքից սեղմել Կ֊ին։ Նրանք դեռ վերև չէին հասել, երբ նկարիչը լայն բացեց դուռը և խոր գլուխ տալով Կ֊ին ներս հրավիրեց։ Աղջնակներին՝ հակառակը, ներս չթողեց, և որքան էլ նրանք խնդրեցին, փորձեցին եթե ոչ թույլտվությամբ, ապա նրա կամքին հակառակ խցկվել, նկարիչը տեղի չտվեց։ Միայն սապատավորին հաջողվեց առաջ պարզած ձեռքերի տակով ներս ճողոպրել, սակայն նկարիչը ընկավ նրա հետևից, շորից բռնած մի պտույտ տվեց ու կանգնեցրեց դռան մոտ, մյուսների կողքին, որոնք, թեև նկարչը լքել էր իր կետը, չէին համարձակվել շեմն անցնել։ Կ֊ն չգիտեր ինչ անուն տալ կատարվածին։ Ի դեպ, նրան թվում էր, թե մտերմիկ փոխըմբռնում կա ամեն ինչում։ Դռան մոտ կանգնած երեխաները մեկը մյուսի հետևից ձգում էին վզերն ու Կ֊ի համար անհասկանալի տարբեր բաներ էին ասում, որ երևի թե կատակներ էին։ Նկարիչը նույնպես․ նա ծիծաղում էր, երբ սապատավորը համարյա ճախրում էր իր ձեռքերի մեջ։ Հետո նա փակեց դուռը, մի անգամ ևս գլուխ տվեց Կ֊ին և, ձեռքը պարզելով, ներկայացավ․
― Գեղանկարիչ Տիտորելլի։
― Երևում է, այս շենքում շատ են սիրում նրանց։― Կ֊ն ցույց տվեց դռան կողմը, որի հետևում լսվում էին երեխաների շշուկները։
― Ա՛խ այդ կապիկները,― ասաց նկարիչը և իզուր փորձեց կոճկել շապիկի օձիքը։ Ընդհանրապես նա ոտաբոբիկ էր, միայն վուշի կտավից կարած լայն, փոքր ինչ դեղնավուն տաբատ էր հագել և ամուր կապել գոտիով, որի երկար ծայրը ազատ այսուայնկողմ էր ճոճվում։― Այդ կապիկները իսկապես բեռ են ինձ համար։― Շապիկը հանգիստ թողնելով (վերևի կոճակը պոկված էր) շարունակեց նա, բազկաթոռ բերեց և Կ֊ին համառորեն խնդրեց նստել։― Մի անգամ նրանցից մեկին նկարեցի (հիմա նա հետները չէ) և այդ օրվանից պրծում չունեմ։ Երբ ես տանն եմ, նրանք միայն իմ թույլտվությամբ են ներս գալիս, իսկ երբ այստեղ չեմ լինում, ապա նրանցից առնվազն մեկն այստեղ է։ Նրանք այս դռան համար մի բանալի են հարմարեցրել և իրար են փոխացնում։ Չեք կարող պատկերացնել, թե ինչքան են զզվացնում։ Օրինակ, ցանկանում եմ մի տիկնոջ նկարել, նրա հետ գալիս եմ տուն, իմ բանալիով բացում եմ դուռը և, ասենք, կուզիկին եմ տեսնում սեղանի մոտ կանգնած, վրձնով շուրթերը կարմիր ներկելիս, իսկ նրա փոքրահասակ քույրերը, որ իր հսկողությանն են հանձնված, այսուայնտեղ են մտնում և ապականում սենյակի բոլոր անկյունները։ Կամ, ինչպես երեկ եղավ։ Ուշ երեկոյան գալիս եմ տուն (այդ բանը հաշվի առնելով, խնդրում եմ ներեք իմ տեսքի ու սենյակի թափթփված վիճակի համար), ուրեմն, ուշ երեկոյան գալիս եմ տուն և ուզում եմ մահճակալին պառկել։ Մեկ էլ մի բան կսմթում է ոտքս։ Նայում եմ մահճակալի տակ և սրանցից մեկին դուրս հանում։ Ես էլ չգիտեմ, թե այս սենյակը ինչով է նրանց ձգում։ Դուք էլ կարող եք տեսնել, որ իմ կողմը չեմ գրավում։ Նրանք, ինչ խոսք, խանգարում են աշխատել և, եթե այս արվեստանոցը ձրի տրամադրած չլինեին, արդեն վաղուց գնացած կլինեի։
― Տիտորելլի, հիմա կարելի՞ է գալ։― Նույն պահին դռան հետևում հարցրեց երեխայական բարակ ու վախվորած մի ձայն։
― Ո՛չ։
― Ոչ էլ ե՞ս։
― Դու էլ։― Նկարիչը մոտեցավ դռանը և փակեց։
Այդ ընթացքում Կ֊ն սենյակն էր աչքի անցկացնում։ Առանց նկարչի օգնության նա երբեք չէր մտածի, թե կարելի է արվեստանոց անվանել այս փոքր, խղճուկ խուցը, որի լայնքն ու երկայնքը հազիվ երկու մեծ քայլից ավելի լինեին։ Ամեն ինչ՝ հատակը, պատկերը և առաստաղը, փայտից էին, իսկ գերանների արանքում նեղ ճեղքեր էին երևում։ Կ֊ի դիմացը՝ պատի մոտ, խայտաբղետ սավան֊ծածկոցներով ծանրաբեռնված մահճակալն էր, սենյակի մեջտեղում՝ նկարակալի վրա, շապիկով ծածկված կտավ էր ամրացված, շապիկի թևքերը կախ էին ընկել ու համարյա հատակին էին քսվում։ Կ֊ի թիկունքում պատուհանն էր։ Մառախուղը թույլ չէր տալիս կողքի տան ձյունածածկ կտուրից այն կողմ որևէ բան տեսնել։ Կողպեքի մեջ բանալու պտտվելը Կ֊ին հիշեցրեց, որ ուզում էր շուտ գնալ։ Նա գրպանից հանեց ֆաբրիկատիրոջ նամակը, պարզեց նկարչին և ասաց․
― Ձեզ ծանոթ այս պարոնից եմ իմացել Ձեր մասին և խորհուրդ հարցնելու համար եմ եկել։― Նկարիչը աչքերը տողերի վրայով սահեցնելով կարդաց, հետո նամակը նետեց մահճակալին։ Եթե ֆաբրիկատերը Տիտորելլիի մաիսն պատմած չլիներ, թե ծանոթ է իրեն, իր տված ողորմություններով ապրող, աղքատ մարդ է, ապա իսկապես կարելի էր կարծել, թե նկարիչը բնավ չի ճանաչում ֆաբրիակտիրոջը կամ առնվազն չի կարողանում հիշել նրան։
― Դուք նկարնե՞ր եք ուզում գնել, թե՞ ուզում եք, որ նկարեմ Ձեզ։ Ի լրումն արդեն եղածի,― հարցրեց Տիտորելլին։
Կ֊ն զարմացած նայեց։ Իրոք, ի՞նչ էր գրված նամակում։ Նա ինքնին հասկանալի էր համարել, որ ֆաբրիկատերը հայտնած կլինի, թե դատարանում հարուցված գործի վերաբերյալ մի քանի բան տեղեկանալուց բացի, Կ֊ն ոչինչ չի ուզում։ Նա, ախր, շատ շտապ և առանց երկար մտածելու էր այստեղ վազել։ Այժմ հարկավոր էր ինչ֊որ կերպ պատասխան տալ նկարչին, և նա՝ նկարակալի վրա հայացք գցելով, հարցրեց․
― Դուք որևէ նկարի վրա աշխատո՞ւմ եք արդեն։
― Այո։― Տիտորելլին կտավը ծածկող շապիկը նետեց նամակի հետևից։― Դիմանկար է։ Լավ գործ է, բայց դեռ ավարտված չէ։
Պահը նպաստավոր էր։ Դատարանի մասին խոսելու հնարավորությունը պարզապես հրամցվեց Կ֊ին, որովհետև, ինչպես երևում էր, կտավի վրա դատավորի դիմանկար էր պատկերված։ Պետք է ասել, որ աչքի զարնող նմանություն կար այս և դոկտոր Հուլդի առանձնասենյակում կախված նկարների միջև։ Առանձնասենյակի կտավը յուղաներկ էր, իսկ սա կավճաներկով թույլ և ոչ այնքան հստակ էր նկարված, ու թեև այս նկարում պատկերված դատավորը լրիվ ուրիշ մարդ էր՝ գեր էր և մինչև աչքերի տակը հասնող սև, մացառանման մորուք ուներ, ապա մնացած ամեն ինչում նմանություն կար, որովհետև այս նկարում էլ դատավորը սեղմել էր գահավորակի արմնկակալները և սպառնագին ցանկանում էր վեր կենալ։
«Սա, ախր, դատավորի նկար է»,― ուզեց անմիջապես նկատել Կ֊ն, սակայն առայժմ զսպեց իրեն և, կարծես մտադիր էր մանրակրկիտ զննել նկարը՝ ավելի մոտեցավ։ Նա չկարողացավ հասկանալ, թե ի՞նչ էր նշանակում գահավորակի թիկնակի մեջտեղում կանգնած բարձր արձանիկը և նկարչին հարցրեց։
― Վերջնական տեսքի բերելու համար դեռ մի փոքր մշակել է պետք,― ասաց նկարիչը, փոքր սեղանի վրայից վերցրեց կավիճը և թեթևակի տարավ արձանիկի եզրերով, առանց դրանով Կ֊ի համար ավելի հստակ դարձնելու։
― Արդարադատության կերպարն է։― Վերջապես ասաց նա։
― Արդեն հասկացա։ Աչքերի շուրջը քողն է, իսկ սա կշեռքն է։ Բայց կրունկների վրա թևեր չե՞ն արդյոք։ Եվ ընդհանրապես, նա կարծես վազելիս լինի։
― Այո։ Ինձ այդպես են պատվիրել։ Իրականում այս կերպարը մարմնավորում է արդարության և հաղթանակի աստվածուհիներին։
― Այնքան էլ լավ համատեղում չէ։― Ժպտաց Կ֊ն։― Արդարությունը պետք է հանգիստ լինի, թե չէ կշեռքի նժարները կտատանվեն և ոչ մի արդարացի վճիռ հնարավոր չի լինի։
― Այդ հարցում ես իմ պատվիրատուի հետ եմ համամիտ։
― Այո, իհարկե,― ասաց Կ֊ն։ Իր դիտողությամբ նա չէր ուզում ոչ մեկին նեղացնել։― Դուք արձանիկն այնպես եք նկարել, ինչպես իրականում գահավորակի թիկնակին է։
― Ոչ։ Ես ոչ գահավորակն եմ տեսել, ոչ էլ արձանիկը։ Այս ամենը հնարովի է, սակայն ինձ ասել են, թե ինչ պետք է նկարեմ։
― Ինչպե՞ս։― Կ֊ն դիտավորյալ ձևացնում էր, թե լրիվ չի հասկանում նկարչին։― Չէ՞ որ նկարում պատկերվածը ատենական գահավորակին նստած դատավոր է։
― Այո, բայց նա բարձրաստիճան դատավոր չէ և երբևէ նման գահավորակի նստած չի եղել։
― Եվ պատվիրում է նման հպարտ կեցվածքո՞վ նկարել։ Նա, ախր, արդարադատության պրեզիդենտի նման է նստել։
― Այս պարոնները մեծամիտ են։ Վերևից նրանց թույլ են տվել այսպիսի նկարներ պատվիրել։ Ամեն մեկին ճշգրտորեն բացատրված է, թե ինչ դիրքով է կարելի նկարվել։ Ցավոք, հենց այս նակրեին նայելով հնարավոր չէ զգեստի և նստած դիրքոի մասին դատողություններ անել․ կավճաներկով հնարավոր չէ դրանք հստակ պատկերել։
― Այո։ Ես էլ զարմացա, որ գործը կավճաներկով է արված։
― Դատավորն այդպես կամեցավ։ Այս նկարը մի տիկնոջ համար է պատվիրված։
Նկարը կարծես աշխատելու ցանկություն առաջ բերեց նրա մեջ։ Նա քշտեց թևերը, մի քանի կավճաներկ առավ ձեռքը, և Կ֊ն տեսավ, թե ինչպես կավիճների թրթռացող սայրերի տակ դատավորի գլխի շուրջը կարմրավուն ստվեր ձևավորվեց ու ճառագայթաձև ցոլքերով դեպի նկարի եզրերը ձգվելով, լուծվեց կտավի անգունության հետ։ Ստվերի այդ խաղը զարդարանքի կամ մի վերին նշանի նման օղակի մեջ առավ նրա գլուխը։ Արդարության արձանիկի շուրջը աննշան լուսավոր շերտ կար, և այդ ֆոնի վրա արձանիկը կարծես ավելի ուժեղ էր աչքի զարնում․ այժմ ոչ արդարության, ոչ էլ հաղթանակի աստվածուհիներին չէր հիշեցնում։ Այսպես նա ավելի շուտ նման էր որսորդության աստվածուհուն։ Նկարչի աշխատանքը Կ֊ին ավելի շատ գրավեց, քան նա ուզում էր սկզբում։ Ի վերջ նա նախատեց ինքնիրեն, որովհետև արդեն երկար ժամանակ այստեղ էր, բայց սեփական գործի համար էական ոչինչ չէր ձեռնարկել։
― Դատավորի անունն ի՞նչ է,― անսպասելի հարցրեց նա։
― Այդ մեկն ասելու իրավունք չունեմ։― Նկարիչը խորը կռացել էր նկարի վրա և բացարձակ անուշադրության մատնել հյուրին, մինչդեռ սկզբում այնպես հարգանքով էր ընդունել նրան։ Կ֊ն դա կամակորություն համարեց և զայրացավ, որովհետև այդ պատճառով ժամանակ էր կորցնում։
― Դուք, հավանաբար, դատարանում վստահելի մա՞րդ եք,― հարցրեց Կ֊ն։
Նկարիչն իսկույն մի կողմ թողեց կավիճները, ուղղվեց, իրար քսեց ձեռքերը և ժպտալով նայեց Կ֊ին։
― Եկեք անկեղծ խոսենք։ Դուք, ինչպես երաշխավորագրում է ասված, ինչ֊որ բան եք ուզում իմանալ դատարանի մասին և ինձ սիրաշահելու համար սկզբում նկարների մասին խոսեցիք։ Սակայն ես չեմ նեղանում, որովհետև Դուք չէիք կարող իմանալ, որ ինձ հետ նման ձևով վարվելն ավելորդ է։ Օ, թույլ տվեք,― կտրուկ ավելացրեց նա, երբ Կ֊ն փորձեց հակաճառել, և շարունակեց։― Իսկ ընդհնարպաես, ճիշտ նկատեցիք։ Դատարանում ես վստահելի անձ եմ։― Նա մի պահ լռեց, կարծես ցանկանում էր Կ֊ին քիչ առաջ լսածը գնահատելու հնարավորություն տալ։ Դռան հետևում կրկին լսվեցին աղջնակների ձայները։ Նրանք հավանաբար խռնվել էին բանալու անցքի շուրջը, մինչդեռ երևի կարելի էր պատերի ճեղքերից էլ ներս նայել։ Կ֊ն չուզեց ներողություն խնդրել․ նա չէր ուզում նկարչին շեղել, ինչպես և չէր ուզում, որ նա շատ գոռոզանար ու անմատչելի պատկերացներ իրեն։ Այդ պատճառով հարցրեց․
― Իսկ դա պաշտոնապես ընդունվա՞ծ է։
― Ո՛չ,― կարճ պատասխանեց նկարիչը։ Թվաց, թե այդ կենտ բառը զրկեց նրան հետագա խոսքերից։ Բայց Կ֊ն չէր ուզում, որ նա լռեր, և ասաց․
― Շատ հաճախ ճանաչում չստացած նման պաշտոններն ավելի ազդեցիկ են, քան օրենքով հաստատվածները։
― Այս դեպքում այդպես է,― ասաց նկարիչը և, ճակատը խոժոռելով, գլխով արեց։― Երեկ ֆաբրիկատիրոջ հետ Ձեր մասին էի խոսում։ Նա հարցրեց՝ արդյոք չե՞մ ուզում օգնել Ձեզ, ես պատասխանեցի՝ թող մի անգամ գա, և ուրախ եմ Ձեզ այդքան շուտ տեսնելու համար։ Երևում է, որ դատավարությունը շատ սրտամոտ եք ընդունում։ Ի դեպ, դա ինձ չի զարմացնում։ Գուցե նախ հանե՞ք Ձեր վերարկուն։
Թեև Կ֊ն մտադիր էր միայն կարճ ժամանակ մնալ, այնուամենայնիվ, մեծ հաճույքով ընդունեց նկարչի առաջարկը։ Սենյակի օդը գնալով ավելի ճնշող էր թվում, ընթացքում նա մի քանի անգամ զարմանքով նայել էր անկյունում դրված երկաթյա փոքր վառարանին, որ, անկասկած, չէր օգտագործվում և չէր կարողացել բացատրել, թե ինչո՞ւ է սենյակի օդն այդպես հեղձուցիչ։ Երբ Կ֊ն վերարկուն հանեց ու պիջակի կոճակները քանդեց, նկարիչը ներողություն խնդրելով ասաց․
― Իմ սենյակը պետք է տաք լինի։ Այստեղ շատ հաճելի է, այդպես չէ՞։ Տաքության տեսակետից սենյակի դիրքը շատ լավ է։― Ի պատասխան Կ֊ն ոչինչ չասաց։ Եթե անկեղծ խոստովանելու լինենք, սենյակի տաքությունը չէր, որ տհաճություն էր պատճառում, այլ, ավելի շուտ, շնչելը դժվարացնող ծանր օդը․ սենյակը հավանաբար երկար ժամանակ չէր օդափոխվել։ Տհաճության զգացումը ավելի թունդ երանգ ստացավ, երբ նկարիչը՝ նկարակալի դիմաց դրված միակ աթոռին ինքը նստելով, նրան խնդրեց տեղավորվել մահճակալի վրա։ Դրանից բացի, նկարիչը կարծես չհասկացավ, թե ինչու Կ֊ն, ավելի հարմար տեղավորվելու խնդրանքը անտեսելով, մահճակալի եզրին նստեց, և որովհետև հյուրը վարանում էր, անձամբ մոտեցավ, մահճակալի ու բարձերի մեջ խորը թաղված նստեցրեց նրան, վերադարձավ բազկաթոռի մոտ ու վերջապես տվեց առաջին գործանական հարցը․ դրանից հետո Կ֊ն մնացած ամեն ինչ մոռացավ։
― Դու անմե՞ղ եք։
― Այո։― Հարցի պատասխանը Կ֊ին անկեղծ հաճույք պատճառոց առանձնապես այն պատճառով, որ իր դիմաց մասնավոր մարդ էր նստած, հետևաբար՝ պատասխանատվությունը բացակայում էր։ Դեռ ոչ ոք նկարչի պես բացահայտ չէր հարցրել։ Հաճույքը անմնացորդ վայելելու համար նա ավելացրեց․― ես բոլորովին մեղք չունեմ։
― Այդպես։― Նկարիչը գլուխը խոնարհեց և թվաց, թե մտածում է։ Հանկարծ նա ուղղվեց և ասաց․― եթե Դուք անմեղ եք, ապա շատ հասարակ գործ է։
Կ֊ն մռայլվեց։ Դատարանի ենթադրյալ վստահելի մարդը անգետ երեխայի պես էր խոսում։
― Իմ անմեղ լինելը չի հեշտացնում գործը։― Չնայած ամեն ինչին, նա ստիպված էր ժպտալ և դանդաղ օրորել գլուխը։― Շատ նրբություններ կան, որոնց մեջ խճճվում է դատարանը, և հետո ինչ֊որ տեղից, ուր նախկինում ոչինչ հնարավոր չէր գտել, մի մեծ մեղք է երևան բերվում։
― Այո, այո, իհարկե։― Նկարիչն այնպիսի տոնով խոսեց, կարծես Կ֊ն խանգարում էր նրան մտածել։― Սակայն Դուք, այնուամենայնիվ, անմե՞ղ եք։
― Դե իհարկե։
― Գլխավորը դա է,― ասաց նկարիչը։ Հակառակ փաստարկներով նրա վրա ազդել հնարավոր չէր, միայն թե, չնայած նրա վճռականությանը, դեռ պարզ չէր՝ այդպես խոսելու պատճառը համոզվածությո՞ւնն էր, թե՞ անտարբերությունը։ Կ֊ն ցանկացավ նախ դա պարզել և ասաց․
― Դուք, անշուշտ, դատարանն ինձնից լավ գիտեք։ Ես տարբեր մարդկանցից լսած կարծիքներից բացի ոչինչ չգիտեմ։ Մի հարցում, սակայն, նրանց բոլորի խոսքերը համընկնում էին․ թեթևամիտ մեղադրանքներ առաջ չեն քաշվում, և եթե դատարանը մի անգամ մեկին մեղադրում է, հաստատ համոզված է դիմացինի մեղավորության մեջ ու այդ համոզմունքից կարող է շատ մեծ դժվարությամբ հրաժարվել։
― Դժվարությա՞մբ,― հարցրեց նկարիչն ու վեր նետեց մի ձեռքը։― Դատարանը երբեք չի հրաժարվում իր համոզմունքներից։ Եթե բոլոր դատավորներին կողք֊կողքի նկարեմ այստեղ, իսկ Դուք կանգնեք նրանց դիմաց և պաշտպանվեք կտավի վրա պատկերված նկարներից, ապա ավելի մեծ հաջողություն կունենաք, քան իսկական դատարանում։
― Այո։― Ինքնիրեն ասաց Կ֊ն և մոռացավ, որ միայն հարցուփորձ անել էր ուզում։
― Տիտորելլի։― Դռան հետևից նորից հարցրեց աղջնակներից մեկը։ Նա դեռ երկա՞ր է մնալու այդտեղ։
― Ձայնե՛րդ,― դռան կողմը բղավեց նկարիչը։― Չե՞ք տեսնում, որ պարոնի հետ քննարկելու բան ունեմ։
― Դու նկարելո՞ւ ես նրան,― հարցրեց աղջնակը, որովհետև նկարչի խոսքերը չգոհացրին նրան։― Խնդրում եմ, այդ այլանդակ մարդուն մի նկարիր։― Երբ Տիտորելլին ոչինչ չպատասխանեց, ավելացրեց նա։ Դրան հաջորդեց հավանություն տվող անհասկանալի կանչերի աղմուկը։ Նկարիչը մի ցատկով մոտեցավ դռանը, փոքր ճեղքի չափով բացցեց (երևացին աղջնակների աղերսագին առաջ պարզված ձեռքերը) և ասաց․
― Եթե խելոք չմնաք, բոլորիդ աստիճաններով ներքև կշպրտեմ։ Նստեք այստեղ և հանգիստ պահեք ձեզ։― Երեխաներն հավանաբար անմիջապես չհնազանդվեցին, և նա ստիպված էր հրամայել։― Նստեք աստիճաններին։― Միայն դրանից հետո նրանք սսկվեցին։
― Ներեցեք, խնդրեմ։― Վերադառնալուց հետո ասաց նա։ Կ֊ն ընդհանրապես չէր շրջվել աստիճանների կողմն ու լրիվ նկարիչ հայեցողությանն էր թողել, թե արդյո՞ք և ինչպե՞ս կպաշտպանի իրեն։ Նա չշարժվեց նույնիսկ, երբ նկարիչը կռացավ և, դրսում լսելի չլինելու համար, շշնջաց ականջին․
― Այս աղջնակները նույնպես դատարանինն են։
― Ինչպե՞ս թե,― հարցրեց Կ֊ն, գլուխը թեքեց ու նայեց նկարչին։ Վերջինս, սակայն, կրկին նստեց իր բազկաթոռին և կես կատակ֊կես լուրջ բացատրեց․
― Ախր ամեն ինչ դատարանին է պատկանում։
― Նման բան դեռ չեմ նկատել,― կարճ ասաց Կ֊ն։ Նկարչի՝ բոլորին նկատի ունենալը վերացրեց աղջնակների վերաբերյալ ակնարկի պատճառած անհանգստությունը։ Չնայած դրան, նա մի պահ նայեց դռանը, որի հետևում այժմ արդեն ձայները կտրած երեխաները լուռ նստել էին աստիճաններին։ Նրանցից մեկը հարդի ծղոտը մտցրել էր գերանների արանքն ու դանդաղ վերուվար էր խաղացնում։
― Դուք կարծես դեռ ոչ մի ընդհանուր պատկերացում չունեք դատարանի մասին,― ասաց նկարիչը։ Նա ոտքերը իրարից բավական հեռու էր դրել և թաթերով գետնին էր խփում։― Քանի որ անմեղ եք, դրա անհրաժեշտությունը չկա։ Ես մենակ Ձեզ դուրս կբերեմ։
― Ինչպե՞ս եք մտադիր վարվել,― հարցրեց Կ֊ն։― Քիչ առաջ ինքներդ ասացիք, որ դատարանը ընդհանրապես ոչ մի փաստարկ չի ընդունում։
― Միայն այն փաստարկները, որոնք դատարանին են ներկայացվում։― Ցուցամատը բարձրացնելով այնպես ասաց նկարիչը, կիարծես Կ֊ն մի շատ նուրբ տարբերություն չէր նկատել։― Սակայն գործն այլ կերպ է դասավորվում, երբ մարդ՝ այս տեսակետից ելնելով, որևէ բան փորձում է հրապարակային դատի կուլիսների հետևում։ Այսինքն՝ խորհրդակցության սենյակներում, միջանցքներում կամ, օրինակ, այստեղ՝ արվեստանոցում։― Նկարչի ասածը Կ֊ին այնքան էլ անհավատալի չթվաց։ Ավելի շուտ, այս վերջին տեղեկությունը չափից դուրս զուգադիպեց տարբեր մարդկանց արտահայտած կարծիքներին։ Այո, այդ ամենն, իրոք, շատ հուսադրող էր։ Եթե անձնական կապերի շնորհիվ իսկապես շատ հեշտ կարելի էր ազդել դատավորի վրա (ինչպես փաստաբանն էր պատմում), ապա նկարչի՝ ինքնահավան դատավորների հետ ունեցած ծանոթությունները իսկապես կարևոր էին, և ինչ ուզում է լիներ, երբեք չէր կարելի թերագնահատել։ Նկարիչը շատ լավ կարող էր տեղ գրավել օգնականների այն շղթայի մեջ, որ Կ֊ն էր աստիճանաբար ստեղծում իր շուրջը։ Բանկում մի առիթով դրվատել էին նրա կազմակերպչական ձիրքը, և այժմ, երբ ամեն ինչ սեփական ուժերով պետք է աներ, այդ ընդունակությունը մինչև վերջ ի հայտ բերելու լավ հնարավորություն ստեղծվեց։ Նկարիչը հետևում էր բացատրության թողած տպավորությանը և հետո վախի որոշ երանգով ասաց․
― Չե՞ք նկատում, որ ես համարյա իրավախորհրդատուի պես եմ խոսում։ Անընդհատ դատարանի պարոնների հետ շփվելն է իր ազդեցությունը թողել։ Դրանից, ինչ խոսք, ես շահում եմ, սակայն մեծ մասամբ ստեղծագործական վերելքն է տուժում։
― Իսկ դատավորների հետ առաջին անգամ ինչպե՞ս եք ծանոթացել։― Մինչև նկարչին իր մոտ ծառայության վերցնելը Կ֊ն ուզում էր նախ նրա վստահությունը շահել։
― Այդ մեկը շատ հեշտ էր։ Ես ժառանգել եմ այդ ծանոթությունը։ Իմ հայրն էլ էր դատարանի նկարիչ, դա ժառանգաբար գնացող գործ է, և նոր մարդկանց վերցնել չեն կարող։ Օրինակ, տարբեր պաշտոններ ունեցող մարդկանց նկարելու համար այնքան շատ, իրարից տարբեր ու, ամենից առաջ, գաղտնի օրենքներ են ձևավորվել, որ կոնկրետ ընտանիքներից դուրս չեն կարող տարածվել։ Օրինակ՝ այստեղ՝ գզրոցում, ես պահում եմ հորս թողած գծագրերը և ոչ ոքի ցույց չեմ տալիս։ Ով այդ գծագրերը լավ գիտենա, արդեն կկարողանա դատավորներին նկարել։ Սակայն, եթե անգամ դրանք կորցնելու էլ լինեմ, ապա կպահպանեմ այն բազմաթիվ կանոնները, որ միայն ես գիտեմ (դրանք իմ գլխում են և ոչ ոք չի կարողանա իմ պաշտոնը վիճարկել)։ Յուրաքանչյուր դատավորի պետք է այնպես նկարել, ինչպես նախկինում մեծ դատավորներին են նկարել, իսկ դա միայն ես եմ կարող։
― Նախանձելի է,― ասաց Կ֊ն։ Նա մտածում էր բանկում ունեցած իր դիրքի մասին։― Ուրեմն Ձեր դիրքը անսասան է։
― Այո։ Անսասան է։― Ուսերը հպարտ բարձրացնելով, ասաց նկարիչը։― Այդ իսկ պատճառով երբեմն֊երբեմն համարձակվում եմ դատարանում գործ ունեցող որևէ խեղճ մարդու օգնել։
― Իսկ ինչպե՞ս եք անում,― հարցրեց Կ֊ն, կարծես իրեն չէր, որ քիչ առաջ խեղճ մարդ անվանեցին։ Սակայն նկարիչը թույլ չտվեց շեղել իրեն և ասաց․
― Կոնկրետ Ձեզ համար, օրինակ, որովհետև անմեղ եք ընդհանրապես, այսպես կվարվեմ։
Սեփական անմեղության շարունակվող կրկնությունը արդեն անտանելի էր դառնում Կ֊ի համար։ Նրան թվում էր, թե նկարիչը նման նկատողությունների շնորհիվ դատավարության նպաստավոր ելքը իր օժանդակության նախապայմանն էր դարձնում, և օգնությունն, այսպիսով, անհիմն էր դառնում։ Չնայած այդ կասկածներին, Կ֊ն զսպում էր իրեն և չէր ընդհատում դիմացինին։ Նա հաստատ վճռել էր չհրաժարվել նկարչի ծառայություններից, որովհետև դրանք այնքան էլ կասկածելի չէին թվում, ինչպես դոկտոր Հուլդինը։ Կ֊ն նկարչին նույնիսկ շատ ավելի գերադասեց, որովհետև այս օգնությունն ավելի անմեղ ու անկեղծ ձևով էր առաջարկվել։
Նկարիչը բազկաթոռը լավ մոտեցրեց մահճակալին և ցածր ձայնով շարունակեց․
― Մոռացա սկզբում հարցնել․ ինչպե՞ս եք ուզում ազատ արձակվել։ Երեք հնարավորություն կա․ լրիվ արդարացում, թվացյալ արդարացում և ձգձգում։ Առաջին եղանակն, ինչ խոսք, ամենալավն է, միայն թե հարցի լուծման համար այդ ձևի համար ես ոչինչ չեմ կարող անել։ Իմ կարծիքով, ընդհանրապես մեկը չկա, որ կարողանա լրիվ արդարացման համար այդքան ազդեցություն ունենալ։ Այստեղ, հավանաբար, վճռական դերը պատկանում է միայն մեղադրյալի անմեղությանը, և որովհետև Դուք անմեղ եք, իհարկե կարելի է հույսը միայն դրա վրա դնել։ Այդ դեպքում ոչ իմ, ոչ էլ ուրիշ որևէ մեկի օգնության կարիքը չունեք։
Աստիճանակարգված նկարագիրը սկզբում շփոթեցրեց Կ֊ին, սական հետո նա նկարչի պես ցածրաձայն ասաց․
― Իմ կարծիքով Դուք ինքներդ Ձեզ հակասում եք։
― Ինչպե՞ս։― Համբերատար հարցրեց նկարիչը և ժպտալով ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։ Ժպիտը Կ֊ի ներսում տարօրինակ զգացում արթնացրեց։ Նրան թվաց, թե ինքը ոչ թե նկարչի խոսքերի, այլ հենց դատավարության մեթոդների մեջ է հակասություն գտել։ Չնայած դրան, նա չընկրկեց և ասաց․
― Քիչ առաջ նկատեցիք, թե դատարանը ուշադրություն չի դարձնում փաստարկներին, հետո ասացիք, որ միայն դռնբաց դատական նիստերի ժամանակ է այդպես, իսկ այժմ նույնիսկ պնդում եք, թե անմեղ տեղը մեղադրվածները դատի ժամանակ ոչ մի օգնության կարիք չունեն։ Արդեն այս խոսքերի մեջ հակասություն կա։ Դրանից բացի, ասացիք նաև, որ կարելի է դատավորի վրա ազդել, սակայն այժմ ժխտում եք, ասելով, թե լրիվ արդարացված լինելու համար (ինչպես ինքներդ քիչ առաջ անվանեցիք) երբեք հնարավոր չէ անձնական կապերն օգտագործել։ Դա արդեն երկրորդ հակասությունն է։
― Այդ հակասությունների պարզաբանումը անչափ դյուրին է։ Խոսքն այստեղ երկու՝ բոլորովին տարբեր բաների մասին է։ Մեկը, որ օրենքով է նախատեսված, և մյուսը, որ ես ինքս եմ իմ փորձով իմացել։ Դուք իրավունք չունեք շփոթել սրանք։ Օրենքով (ի դեպ, պետք է ասեմ, որ ես այն չեմ կարդացել), ինչ խոսք, մի կողմից նախատեսված է, որ անմեղ ամբաստանյալը ազատ է արձակվելու, բայց մյուս կողմից, գրված չէ, թե դատավորների վրա կարելի է ներգործել։ Միայն թե ես լրիվ հակառակ բաներն եմ տեսել։ Դեռ ոչ մի անգամ լրիվ արդարացում չի եղել, մինչդեռ շատ է պատահել, որ դատավորների վրա ներգործեն։ Ինչ խոսք, հնարավոր է, որ ինձ հայտնի բոլոր դեպքերում ոչ մի անմեղ մարդ չի եղել, բայց արդյո՞ք դա անհավանական չէ։ Այդքան շատ դեպքեր, և ոչ մի անմեղ մարդ։ Դեռ երեխա ժամանակ ես ուշադիր լսում էի հորս, երբ նա տանը խոսում էր դատական նիստերի մասին։ Նրա արվեստանոցն եկող դատավորները նույնպես դատավարությունների մասին էին պատմում։ Ի դեպ, մեր շրջանում ուրիշ ոչ մի բանի մասին չեն խոսում։ Անձամբ դատին ներկա գտնվելու ընձեռված ամեն մի հնարավորություն անմիջապես օգտագործել եմ։ Անթիվ դատավարություններ եմ լսել իրենց կարևոր էտապներում, եթե հնարավոր է եղել ներկա գտնվել՝ ներկա եմ եղել, և պետք է ասեմ, որ ոչ մի անգամ լրիվ արդարացման դեպքեր չեմ տեսել։
― Ուրեմն ոչ ոք ազատ չի՞ արձակվել։― Կ֊ն կարծես ինքն իր և իր հույսերի հետ խոսելիս լիներ։― Դա, ախր, հաստատում է դատի մասին ունեցած իմ կարծիքը։ Ուրեմն, այս տեսակետից ևս անիմաստ է։ Նշանակում է, մի դահիճ կարող է ողջ ատյանին փոխարինե՞լ։
― Դուք ընդհանրացումներ անելու իրավունք չունեք։― Դժգոհ նկատեց նկարիչը։― Ես միայն իմ գիտեցած բաների մասին եմ խոսում։
― Ախր դա էլ բավական է։ Թե՞ Դուք ավելի վաղ ժամանականերում արդարացված լիենլու դեպքեր գիտեք։
― Նման արդարացումներ, համենայնդեպս, պետք է որ եղած լինեն։ Միայն թե այժմ շատ դժվար է պարզել դա։ Դատարանի վերջնական որոշումները չեն հրապարակվում, նրանք բնավ մատչելի չեն դատավորներին, այդ իսկ պատճառով հին դատական գործերի մասին միայն լեգենդներ են պահպանվել։ Դրանց մեջ լրիվ արդարացված լինելու մասին պատմությունները չափից դուրս շատ են։ Չի կարելի դրանց չհավատալ։ Ինչ ուզում է լինի, դրանք անտեսել չի կարելի։ Ճշմարտության հատիկ դրանք, անշուշտ, պարունակում են և շատ գեղեցիկ բաներ են։ Անձամբ ես մի քանի կտավներ եմ նկարել, որոնց հիմքում այդ լեգենդներն են ընկած։
― Դատարկ լեգենդները չեն կարող փոխել իմ կարծիքը։ Դատի ժամանակ, իհարկե, չի կարելի այդ լեգենդների վրա հիմնվել։
― Ոչ, հնարավոր չէ։― Ծիծաղեց Տիտորելլին։
― Ուրեմն, այդ մասին խոսելն ավելորդ է։― Կ֊ն սկզբում ուզում էր համաձայնել նկարչի ասած ամեն մի խոսքի հետ, թեկուզ եթե դրանք մյուս խոսքերին հակասեին․ և ինքն ևս անհավանական համարեր։ Այժմ նկարչի ասածների ճիշտն ու սխալը ստուգելու կամ նրան առարկելու ժամանակը չէր։ Եթե կարողանար դրդել նկարչին, ինչ֊որ կերպ (ինչպես ուզում է լինի) օգնել իրեն, դրանով արդեն ամենակարևոր նպատակին հասած կլիներ։ Այդ պատճառով նա ասաց․
― Ուրեմն, արդարացումից ձեռք քաշենք։ Սակայն Դուք երկու հնարավորություն էլ հիշատակեցիք։
― Թվացյալ արդարացում և ձգձգում։ Միայն սրանց մասին է կարող խոսք լինել։ Սակայն, մինչև դրանց անցնելը, չէի՞ք ցանկանա, արդյոք, պիջակը հանել։ Հավանաբար շոգում եք։
― Այո,― ասաց Կ֊ն, որ մինչև այժմ նկարչի բացատրություններից բացի ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չէր դարձրել։ Այժմ, երբ նկարիչը հիշեցրեց շոգի մասին, նրա ճակատը կարծես միանգամից ծածկվեց քրտինքի առատ կաթիլներով։― Համարյա անտանելի է։
Նկարիչը գլխով արեց։ Երևի հասկանում էր Կ֊ի դրությունը։
― Հնարավոր չէ՞պատուհանը բացել։
― Ոչ։ Ապակին միաշերտ է և ամուր է հագցված։ Հնարավոր չէ։― Այժմ Կ֊ն զգաց, որ ամբողջ ժամանակ այդ հույսն էր փայփայել․ ինքը կամ նկարիչը անսպասելի կմոտենա պատուհանին և կբացի։ Նա արդեն նախապատրաստվել էր թեկուզ մառախուղը կուլ տալ լայն բացած բերանով, և մաքուր օդից կտրված լինելու միտքը այժմ գլխապտույտի պատճառ դարձավ։ Նա ձեռքը թեթևակի խփեց փետրաներքնակին և թույլ ձայնով ասաց․
― Ախր անհնար է այսպես, և առողջարար էլ չէ։
― Օ, ոչ։― Իր սենյակը պաշտպանելով ասաց նկարիչը։― Թեև միայն մի շերտ ապակի է գցված, սակայն չբացվելու շնորհիվ ջերմությունը ներսում ավելի լավ է պահպանվում, քան եթե պատուհանը երկշերտ լիներ։ Օդափոխել ցանկանամ, կարող եմ դռներից մեկը կամ թեկուզ երկուսն էլ բացել։ Սակայն դա այնքան էլ անհրաժեշտ չէ, որովհետև գերանների ճեղքերից օդը միշտ ներթափանցում է։
Այդ բացատրությունից փոքր֊ինչ մխիթարված Կ֊ն երկրորդ դուռը գտնելու նպատակով շուրջը նայեց։ Նկարիչը հասկացավ նրա հայացքի իմաստը։
― Ձեր թիկունքում է։ Մահճակալը դեմն եմ դրել։― Միայն այժմ Կ֊ն նկատեց պատմի մեջ բացված փոքր դուռը։ ― Իսկական արվեստանոցի համար այստեղ շատ նեղվածք է,― շարունակեց նկարիչը։ Նա կարծես ուզում էր կանխել Կ֊ի նախատինքը։― Ես ստիպված էի ընձեռված հնարավորություններից ելնելով տեղավորվել։ Մահճակալի տեղը դռան մոտ, իհարկե, այնքան էլ հարմար չէ։ Օրինակ, դատավորը՝ ում նկարում եմ այժմ, միշտ մահճակալի մոտի դռնով է ներս գալիս։ Մի բանալին ես նրան եմ տվել, որ եթե անգամ տանն էլ չլինեմ, կարողանա այստեղ սպասել իմ վերադարձին։ Բայց նա սովորաբար վաղ առավոտյան է գալիս, երբ ես դեռ քնած եմ լինում։ Մահճակալի մոտի դռան բացվելը ինչ խոսք, թեկուզ ինչքան էլ խորը քնած լինեմ, միշտ արթնացնում է։ Դուք կդադարեք հարգանք տածել այդ դատավորի հանդեպ, եթե լսեք նրան ուղղված իմ հայհոյանքները, երբ նա վաղ առավոտյան մահճակալի վրա է բարձրանում։ Ես կարող եմ բանալին վերցնել նրանից, բայց դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մի թեթև ուժ գործադրելու դեպքում այստեղ բոլոր դռները կարելիէ ծխնիներից պոկել։
Մինչ նկարիչը պատմում էր, Կ֊ն մտածում էր, թե արդյոք պե՞տք է պիջակը հանել։ Ի վերջո նա հասկացավ, որ եթե չհանի, չի կարողանա երկար մնալ․ հանեց, դրեց ծնկներին, որ հենց զրույցը ավարտվեր, կրկին կարողանար հագնել։ Հազիվ էր նա պիջակը հանել, աղջնակներից մեկը բացականչեց․
― Նա պիջակն էլ հանեց։
Լսվեց, թե ինչպես նրանք խմբվեցին ճեղքերի շուրջը, որ կարողանան կատարվածը սեփական աչքերով տեսնել։
― Կարծում են, թե նկարելու եմ Ձեզ, և դրա համար եք հանվում։
― Այդպես ուրեմն,― միայն մի փոքր աշխուժացած ասաց Կ֊ն։ Այժմ նա թեև միայն ժիլետով էր նստած, բայց առաջվանից ավելի լավ չէր զգում իրեն։― Ինչպե՞ս էին կոչվում մյուս երկու հնարավորությունները։― Համարյա մրթմրթալով հարցրեց նա․ արդեն մոռացել էր արտահայտությունները։
― Թվացյալ արդարացում և ձգձգում։ Ձեզնից է կախված, թե սրանցից որը կընտրեք։ Երկուսից որն ուզում եք, կարող եմ օգնել։ Ճիշտ է, ոչ առանց չարչարանքի։ Այս տեսակետից տարբերությունն այն է, որ թվացյալ արդարացման համար ջանքերի ժամանակավոր ի մի բերում է պահանջվում, ձգձգման համար՝ ավելի պակաս, բայց՝ տևական։ Նախ, ուրեմն, թվացյալ արդարացման մասին։ Եթե Դուք այս ելքը ընտրելու լինեք, ապա թղթի մի թերթի վրա ես գրի կառնեմ Ձեր անմեղության հավաստումը։ Այդ տեքստի գրելաձևը հորիցս է մնացել և առարկություններ չի ընդունում։ Թուղթը ձեռքումս մի պտույտ կկատարեմ, կմտնեմ իմ ծանոթ դատավորների մոտ։ Մասնավորապես կսկսեմ նրանից, որ երեկոյան, երբ դատավորը այսօրվա կատարահերթին ներկայանա, թուղթը նրան կտամ։ Կներկայացնեմ, կբացատրեմ, որ անմեղ եք և կերաշխավորեմ Ձեր անմեղության համար։ Սակայն դա միայն ձևական երաշխիք չի լինի, այլ՝ իսկական և պարտավորեցնող։― Նկարչի աչքերում նախատինքանման արտահայտություն կար՝ կապված երաշխիքի ծանրությունը մի մարդու ուսերին թողնելու Կ֊ի ցանկության հետ։
― Շատ սիրալիր կլինի Ձեր կողմից։ Դատավորը կհավատա Ձեր փաստարկներին և, չնայած դրան, լրիվ չի՞ արդարացնի ինձ։
― Ինչպես ասացի, այնքան էլ վստահ չեմ, թե կարող է բոլորը հավատան ինձ։ Որոշ դատավորներ, օրինակ, կպահանջեն անձամբ Ձեզ տանել իրենց մոտ։ Այդ դեպքում անհրաժեշտ կլինի մի անգամ ինձ հետ գալ։ Այնուամենայնիվ, նման դեպքերում գործը կիսով չափ շահած կլինենք, առավել ևս, որ նախօրոք կսովորեցնեմ, թե Ձեզ ինչպես պետք է պահեք տվյալ դատավորի մոտ։ Ավելի դժվար կլինի այն դատավորների հարցը (այդպես էլ կարող է լինել), որոնք առաջին իսկ րոպեից մերժեն ինձ։ Իհարկե, որքան էլ բոլոր հնարավոր ձևերը փորձելու լինեմ, դրանցից պետք է ձեռք քաշենք։ Դրա իրավունքն ունենք, որովհետև այս հարցում վճռական դերը առանձին դատավորներին չի պատկանում։ Եթե անմեղության հաստատման համար ստորագրությունների բավական քանակ հավաքեմ, ապա թուղթը ձեռքս կվերցնեմ և կգնամ հենց Ձեր գործով զբաղվող դատավորի մոտ։ Հնարավոր է, որ մինչ այդ նրան էլ ստորագրել տված լինեմ։ Այդ դեպքում գործը սովորականից ավելի արագ կընթանա։ Սովորաբար հետո ոչ մի արգելք չի մնում, և արդեն գալիս է մեղադրյալի առավելագույնս ինքնավստահ զգալու ժամը։ Ճիշտ եմ ասում․ այս շրջանում մարդիկ ավելի ինքնավստահ են, քան արդարացվելուց հետո։ Վերջում արդեն ոչ մի առանձնահատուկ ջանք գործարդելու կարիք չկա։ Դատավորների որոշ քանակության երաշխիքը Ձեր դատավորի ձեռքի տակ է, նա կարող է առանց այլևայլությունների արդարացնել Ձեզ և, տարբեր ձևականություններ վերջացնելուց հետո՝ ի սեր ինձ ու մի քանի այլ ծանոթների, անկասկած, այդպես էլ կվարվի։ Դուք դուրս կգաք դատարանից և ազատ կլինեք։
― Ուրեմն, ես ազա՞տ կլինեմ,― չհավատալով հարցրեց Կ֊ն։
― Այո,― հաստատեց նկարիչը։― Բայց թվացյալ կամ, ավելի ճիշտ՝ ժամանակավորապես։ Ստորին աստիճանակարգի դատավորները (իմ ծանոթները նրանց շարքից են) վերջնականապես ազատ արձակելու իրավունք չունեն։ Այդ իրավունքը միայն Ձեզ, ինձ և մյուս բոլորի համար անձեռնահաս գերագույն դատարանին է տրված։ Այնտեղ ինչ կա֊չկա, մենք տեղյակ չենք, և, ի դեպ ասեմ, չենք էլ ուզում իմանալ։ Մեր դատավորներն արդարացնելու մեծ արտոնությունից, ուրեմն, հեռու են, սակայն մեղադրանքը հեռացնելու իրավունք ունեն։ Այսինքն, եթե այդ ձևով արդարացված լինեք, տվյալ պահին մեղադրանքը կհանվի, բայց հետագայում դեռ կախված կլինի Ձեր գլխավերևում և բավական է վերևից հրաման գա, անմիջապես ուժի մեջ կմտնի։ Որովհետև ես այդքան լավ շփման մեջ եմ դատավորների հետ, կարող եմ ասել, թե գրասենյակների հարհանգներում լրիվ և թվացյալ արդարացումները զուտ ձևականորեն ինչպես են տարբերվում իրարից։ Առաջին արդարացման ժամանակ դատավարության արձանագրությունները պետք է ընդհանրապես մի կողմ թողնված լինեն։ Դրանք բոլորովին անհետանում են հարուցված գործի միջից։ Ոչ միայն մեղադրանքը, այլ նաև դատավարության և նունիսկ արդարացման փաստաթղթերն են ոչնչացվում։ Ոչնչացվում է ամեն ինչ։ Այլ է վիճակը թվացյալ արդարացման ժամանակ։ Արձանագրության մեջ անմեղության ապացույցը, արդարացումը և արդարացման հիմնավորումը ավելացնելուց բացի, ոչ մի փոփոխություն չի կատարվում, իսկ ընդհանրապես, հետաքննությունը մնում է ընթացքի մեջ և արձանագրությունը՝ ինչպես դատարանի գրասենյակների անընդհատ շարժում֊շրջապատույտն է պահանջում, կներկայացվի վերադաս դատարաններին, կվերադառնա ենթադաս մարմինների ձեռքը և այդպես մեծ ու փոքր տատանումներով, մեծ ու փոքր դադարներով կշարժվի վերև֊ներքև։ Շարժման ընթացքը հնարավոր չէ կանխատեսել։ Կողքից նայողին կարող է թվալ, թե ամեն ինչ վաղուց մոռացվել է, արձանագրությունը կորել է, և արդարացումը վերջնական է։ Գործին տեղյակ մարդը այդպես չի մտածի։ Ոչ մի արձանագրություն չի կորչում, դատարանում ոչինչ մոռացության չի մատնվում։ Օրերից մի օր դատավորներից մեկը բոլորի համար անսպասելի կվերցնի գործը, ավելի ուշադիր կկարդա, կնկատի, որ դեպքերից մեկի համար մեղադրանքը դեռ առկա է, և կկարգադրի անհապաղ ձերբակալել։ Այս բացատրության ժամանակ ես ենթադրեցի, թե արդարացվելու և կրկին ձերբակալվելու արանքում բավական ժամանակ է ընկնում։ Այդ կարող է լինել, և նման դեպքեր հայտնի են ինձ, սակայն նույնքան հնարավոր է նաև, որ արդարացվածը դատարանից տուն դառնա, իսկ այնտեղ սպասեն նրան՝ նորից ձերբակալելու հանձնարարությամբ։ Դրանից հետո ազատ ապրելակերպին, ինչ խոսք, վերջ է տրվում։
― Եվ դատավարությունը սկզբի՞ց է ընթացք առնում։― Կ֊ն չէր կարողանում հավատալ։
― Դատավարությունը նորից է սկսվում, սակայն առաջվա նման թվացյալ արդարացում ձեռք բերելու հնարավորությունը կրկին կա։ Անհրաժեշտ է հավաքել բոլոր ուժերը և չպետք է հանձնվել։― Այս վերջին նկատողությունը նկարիչը հավանաբար կուչ եկած֊նստած Կ֊ի տեսքի թողած ազդեցության տակ արեց։
― Իսկ արդյոք երկրորդ արդարացումը ձեռք բերելը ավելի դժվար չէ՞, քան առաջինը։― Կ֊ն այնպիսի տոնով հարցրեց, կարծես ուզում էր նկարչի հնարավոր բացատրությունները կանխել։
― Այդտեղ արդեն որոշակի ոչինչ ասել հնարավոր չէ։ Հավանաբար ուզում եք իմանալ, թե դատավորները երկրորդ ձերբակալության վճիռն ընդունելով ոչ ի շահ մեղադրյալի չե՞ն տրամադրվի։ Ոչ։ Հենց արդարացնելու ժամանակ դատավորները հաջորդ ձերբակալությունը նկատի ունենում են։ Այդ հանգամանքը ոչ մի ազդեցություն չի թողնում։ Իհարկե, հնարավոր է, որ անթիվ այլ պառճառներով դատավորների տարամադրությունը, ինչպես նաև գործի գնահատման իրավաբանական կողմը փոխվի, այդ դեպքում երկրորդ արդարացումը ստանալու համար ջանքերն արդեն պետք է փոփոխված հանգամանքներին համապատասխանեցվեն և ընդհանուր առմամբ պետք է նույնքան եռանդուն լինել, որքան մինչև առաջին արդարացումը։
― Բայց երկրորդ արդարացումն էլ վերջնական չէ։― Կ֊ն օրորեց գլուխը։
Իհարկե՝ ոչ։ Երկրորդ արդարացմանը հաջորդում է երրորդ ձերբակալումը, երրորդ արդարացմանը՝ չորրորդ ձերբակալումը և այսպես շարունակ։ Հենց դա է ընկած թվացյալ արդարացման հիմքում։ Թվացյալ արդարացումը պարզ երևում է, որ ձեռնտու չէ Ձեզ,― ասաց նկարիչը, նկատելով, որ Կ֊ն ոչինչ չի խոսում։― Գուցե ձգձգումը գերադասեք։ Բացատրե՞մ ձգձգման էությունը։
Կ֊ն գլխով արեց։ Նկարիչը նստել էր բազկաթոռի մեջ ետ ընկած, շապիկի կուրծքը բաց էր, մի ձեռքը շապիկի տակ էր մտցրել և շարժում էր կողերի ու կրծքի վրայով։
― Ձգձգումը․․․― Նկարիչը մի պահ լռեց ու նայեց դիմացը, կարծես ավելի համապատասխանող բացատրություն էր փնտրում։― Ձգձգման էությունն այն է, որ դատավարությունը երկար ժամանակով ամենաստորին շրջանում է պահվում։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ մեղադրյալը և նրան օգնողը, հատկապես՝ օգնողը, դատարանի հետ անընդհատ, անմիջական կապ ունենան։ Կրկնում եմ, այս գործն այդքան եռանդ չի պահանջում, ինչպես թվացյալ արդարացումը, սակայն այստեղ ավելի մեծ ուշադրություն է անհրաժեշտ։ Չի կարելի դատավարությունը աչքից բաց թողնել, պետք է կանոնավոր կերպով, դրանից բացի՝ ամեն մի արտասովոր առիթով, գնալ համապատասխան դատավորի մոտ և ամեն կերպ փորձել բարեհաճ տրամադրել նրան։ Եթե դատավորի հետ անձնական ծանոթություն չկա, պետք է ծանոթ որևէ դատավորի խնդրել, որ ներգործի նրա վրա՝ առանց այդ պատճառով անմիջական քննարկումները դադարեցնելու իրավունքի։ Այս տեսակետից մարդ ոչինչ չի կորցնում և կարող է բավական վստահ լինել, որ դատավարությունն իր առաջին շրջանից այն կողմ չի անցնի։ Թեև գործը չի դադարեցվի, սակայն մեղադրյալը դատավճռից այնքան է ապահով, որ թվում է, թե ազատ է։ Ի տարբերություն թվացյալ արդարացման, ձգձգումը մի առավելություն ունի․ մեղադրյալի ապագան պակաս անորոշ է, նա զերծ է մնում հանկարծահաս ձերբակալման սարսափներից և չեպտք է վախ ունենա՝ ինչպես թվացյալ արդարացման ժամանակ, երբ պաշտպանության պատճառելիք ջանքերն ու հուզմունքները ստանձնելու համար մեղադրյալի վիճակը այնքան էլ նպաստավոր չէ։ Մեղադրյալի համար, թերևս, ձգփգումն էլ իր թերի կողմերն ունի, և դրանք չպետք է անտեսվեն։ Ես բոլորովին չեմ ուզում ասել, թե մեղադրյալը երբեք չի ազատվում։ Ոչ։ Թվացյալ արդարացման ժամանակ ևս այդպես է։ Թերությունըւ մի այլ հարցում է․ առանց անհրաժեշտ, գոնե ձևական պատճառների, դատավարությունը չի կարող կանգ առնել։ Դրա համար դատավարության ընթացքում անպայման ինչ֊որ բաներ պետք է կատարվեն։ Այսինքն, ժամանակ առ ժամանակ պետք է տարբեր կարգադրություններ արվեն, մեղադրյալը պետք է հարցաքննվի, նախնական քննություն պետք է կատարվի և այլն։ Դատավարությունը շարունակ պետք է պտտվի արհեստականորեն ստեղծված փոքր շրջանակի մեջ։ Դա, իհարկե, մեղադրյալին որոշ դժվարություններ է պատճառում, որոնք, սակայն, նորից չպետք է պատկերացնեք շատ թանձր գույներով։ Ախր ամեն ինչ ձևական բնույթ է կրում։ Հարցաքննություններն, օրինակ, շատ կարճ են տևում, և, եթե գալու ցանկություն կամ ժամանակ չլինի, մեղադրյալն իրավունք ունի ներողություն խնդրել, որոշ դատավորների հետ նախօրոք կարելի է համատեղ, երկարաժամկետ կարգադրագիր կազմել։ Ըստ էության, խոսքն այն մասին է, որ մարդը՝ մեղադրյալի վիճակով պարտադրված, պետք է ժամանակ առ ժամանակ դատավորի մոտ ներկայանա։
Արդեն վերջին խոսքերը լսելիս Կ֊ն պիջակը թևին էր գցել և վեր կացել։
― Նա վեր է կենում արդեն,― իսկույն լսվեց դրսից։
― Դուք գնա՞լ եք ուզում։― Նկարիչը նույնպես ոտքի ելավ։― Ձեր այստեղից գնալու պատճառը, հաստատ, օդն է միայն։ Շատ եմ ցավում։ Ես որոշ բաներ էլ կարող էի հայտնել, մինչդեռ ստիպված էի շատ բան կրճատել։ Սակայն, հույս ունեմ, որ հասկացաք ինձ։
― Օ, այո,― ասաց Կ֊ն։ Նկարչի պատմությունները լսելու ջանքերից նրա գլուխը ցավում էր։ Չնայած Կ֊ի հավաստիացմանը, նկարիչը, կարծես ձգտելով տունդարձի ճանապարհին մխիթարվելու որևէ հնարավորություն տալ, մի անգամ ևս ընդհանրացնելով իր պատմածները, ասաց․
― Երկու ձևի համար էլ ընդհանուրն այն է, որ նրանք խանգարում են մեղադրյալի հանդեպ դատավճիռ հանելուն։
― Սակայն նրանք թույլ չեն տալիս նաև լրիվ արդարացնել։― Ցածրաձայն, կարծես ամաչելով այդ բանը նկատած լինելուց, ասաց Կ֊ն։
― Ամենակարևոր բանը Դուք հասկացել եք,― արագ ասաց նկարիչը։ Կ֊ն ձեռքը դրեց վերարկուի վրա, սակայն վճառկանորեն չէր կարող պիջակը հագնել։ Ավելի շուտ, նա ուզում էր դրանք ձեռքը վերցնել և դուրս գալ։ Աղջնակները, թեև դռան հետևում շտապեցին բացականչել, թե նա հագնվում է, նույնպես չէին կարող պիջակն ու վերարկուն արվեստանոցում հագնելուն տրամարդել։ Նկարչի համար կարևորն հասկանալն էր, թե ինչպիսի՞ն է Կ֊ի կարծիքը, այդ պատճառով նա ասաց․
― Իմ առաջարկների կապակցությամբ հավանաբար դեռ ոչինչ չեք որոշել։ Ես հավանություն եմ տալիս դրան և նույնիսկ խորհուրդ կտայի անմիջապես չվճռել ոչինչ։ Առավելություններն ու թերությունները շատ խաբուսիկ են։ Ամեն ինչ լավ քննել է պետք, բայց և չպետք է շատ ժամանակ կորցնել։
― Ես շուտով կգամ։― Կ֊ն անսպասելի վճռականությամբ հագավ պիջակը, վերարկուն գցեց ուսերին և շտապեց դռան կողմը։ Աղջնակներն այնտեղ սկսեցին աղմկել։ Կ֊ին թվաց, թե դռան միջով տեսնում է երեխաներին։
― Սակայն պետք է Ձեր խոսքի տերը լինեք։― Նկարիչը մնացել էր տեղում կանգնած։― Թե չէ տեղեկանալու համար ես ինքս բանկ կգամ։
― Բացեք դուռը,― ասաց Կ֊ն և քաշեց սողնակը․ ինչպես դիմադրությունից եզրակացրեց, երեխաները բռնել էին դրսից։
― Ուզում եք, որ նրանք կա՞խ ընկնեն Ձեզնից։ Ավելի լավ է այս ելքից օգտվեք։― Նկարիչը ցույց տվեց մահճակալի հետևի դուռը։ Կ֊ն համաձայն էր և ետ եկավ։ Սակայն դուռը բացելու փոխարեն նկարիչը մահճակալի տակ մտավ և այնտեղից հարցրեց․
― Եվս մի րոպե։ Չէի՞ք ցանկանա նայել այս մի նկարը։ Ուզում եմ Ձեզ վաճառել այն։
Կ֊ն չէր ուզում անքաղաքավարի լինել։ Նկարիչն իսկապես ձեռնամուխ էր եղել գործին, խոստացել էր օգնել։ Իր մոռացկոտության պատճառով Կ֊ն դեռ չէր խոսել օգնության վարձի մասին, այդ պատճառով այժմ չէր կարող մերժել նրան ու, թեև արվեստանոցից հեռանալու անհամբերությունից դողում էր, սպասեց։ Նկարիչը մահճակալի տակից անշրջանակ նկարների մի ամբողջ կույտ հանեց։ Դրանք փոշու այնպիսի հաստ շերտով էին ծածվկած, որ երբ Տիտորելլին ամենավերևի կտավի վրայից փչեց, փոշին երկար ժամանակ պար էր գալիս շունչը պահած Կ֊ի աչքերի առաջ։
― Մարգագետնի տեսարան է։― Նկարիչը Կ֊ին պարզեց կտավը, ուր մուգ կանաչով շրջապատված, իրարից բավական հեռու աճած երկու բարալիկ ծառեր էին պատկերված։ Երկրորդ պլանում բազմերանգ մայրամուտն էր։
― Լավ։ Վերցնում եմ։― Կ֊ն անմտածված ձևով կարճ արտահայտվեց և գոհ էր, որ նեղանալու փոխարեն նկարիչը երկրորդ նկարը բարձրացրեց հատակից։
― Իսկ սա այս կտավի տարբերակն է։― Թող նկարիչը տարբերակ անվաներ, սակայն երկրորդ կտավը հնարավոր չէր առաջինից ոչ մի կերպ տարբերել․ նույն ծառերն էին, խոտը և մայրամուտը։ Բայց Կ֊ի համար դա այնքան էլ կարևոր չէր։
― Գեղեցիկ տեսարաններ են։ Երկուսն էլ կվերցնեմ ու կկախեմ իմ գրասենյակում։
― Կարծեք թեման դուր է գալիս Ձեզ։ Ինչ լավ է, որ նման մի ուրիշ նկար էլ ունեմ։― Տիտորելլին երրորդը բարձրացրեց, սակայն նկարները ոչ թե նման էին, այլ ավելի շուտ նույն տեսարաններն էին։ Նկարիչը կտավները վաճառելու առիթը ձեռքից բաց չթողեց։
― Դա էլ եմ վերցնում։ Ի՞նչ արժեն երեքը միասին։
― Հաջորդ անգամ կխոսենք։ Դուք այժմ շտապում եք, բայց մենք կհանդիպենք դեռ։ Համենայնդեպս, ուրախ եմ, որ նկարները դուր եկան Ձեզ, և այս երեքի հետ կտամ այստեղ եղած բոլոր կտավները։ Դրանք միայն բնանկարներ են․ ես այդպիսի տեսարաններ շատ եմ նկարել։ Ոմանք նման կտավներ չեն գնում, որովհետև շատ մռայլ երագներով են արված, մյուսները, սակայն (Դուք ևս նրանց շարքին եք դասվում), հենց այդպիսի նկարներ են սիրում։
Սակայն Կ֊ն մուրացիկ֊նկարչի մասնագիտական մեկնաբանությունները լսելու մտադրություն չուներ։
― Փաթաթեք բոլոր նկարները։― Նարչի խոսքն ընդհատելով, բացականչեց նա։― Վաղը կգա իմ սպասավորը և կվերցնի դրանք։
― Կարիք չկա։ Հուսով եմ, անմիջապես Ձեզ հետ գալու համար մի բեռնակիր կգտնեմ։― Վերջապես նա խոնարհվեց մահճակալի վրա և բացեց դուռը։― Առանց քաշվելու բարձրացրեք մահճակալին։ Այստեղ եկող ամեն ոք այդպես է վարվում։
Նույնիսկ առանց հրավերի էլ Կ֊ն ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնի։ Նա մի ոտքն արդեն դրել էր փետրաներքնակի մեջտեղը, երբ բաց դռնով դուրս նայեց ու կրկին հետ քաշեց ոտքը։
― Սա ի՞նչ է։
― Ի՞նչն է զարմացնում Ձեզ։― Իր հերթին նկատեց Տիտորելլին։― Դատարանային գրասենյակներն են։ Չգիտե՞ք, որ այստեղ գրասենյակներ կան։ Ախր դատարանային գրասենյակներ կան համարյա բոլոր ձեղնահարկերում։ Ինչո՞ւ այստեղ չպետք է լինեն։ Իմ արվեստանոցը նույնպես դրանց է պատկանում․ դատարանն է իմ տրամադրությնա տակ դրել։
Կ֊ին սարսափեցնողը ոչ այնքան այստեղ ևս դատարանի գրասենյակ տեսնելու հանգամանքն էր, որքան հենց ինքը, դատարանային գործերում իր անտեղյակությունը։ Եվ որպես մեղադրյալի վարքի հիմնական կանոն, նրա համար պարզ դարձավ, որ միշտ պետք է ամեն ինչի պատրաստ լինի, երբեք չպետք է թույլ տա, որ անակնկալի բերեն իրեն, ոչինչ չհասկացող հայացքով չպետք է աջ նայի, երբ դատավորը ձախ կողմում է կանգնած։ Սակայն նա շարունակ այդ հիմնական օրենքին էր բախվում։
Նրա դիմաց լայն միջանցքն էր բացված, և այնտեղից այնպիսի օդ էր փչում, որ դրա հետ համեմատած, արվեստանոցինը շատ ավելի թարմ էր։ Նստարաններ էին դրված միջանցքի երկու կողմերում, ձեղնահարկն այստեղ ոչնչով չէր տարբերվում արդեն տեսած ձեղնահարկից։ Երևում էր, որ գրասենյակների կահավորման համար հատուկ հրահանգավորում կար։ Այս պահին դատական գործ ունեցողների անցուդարձը այնքան էլ աշխույժ չէր։ Մի մարդ նստել էր կիսապառկած, դեմքը նստարանին հենած ձեռքերի ափերի մեջ առած։ Ըստ երևույթին նա քնած էր։ Մեկ ուրիշը կանգնած էր կիսամութի մեջ՝ միջանցքի հակառակ ծայրում։ Կ֊ն բարձրացավ մահճակալին, նկարները ձեռքն առած նկարիչը հետևեց նրան։ Շուտով նրանք դատարանի կատարածուներից մեկին հանդիպեցին․ հագած քաղաքացիական կոստյումի մյուս կոճակների շարքում կարված ոսկեփայլ կոճակի շնորհիվ Կ֊ն արդեն տարբերում էր նրանց։ Տիտորելլին կատարածուի պատվիրեց նկարները վերցնել և ուղեկցել Կ֊ին։ Կ֊ն ավելի շուտ երերում էր, քան քայլում, թաշկինակը բերանին էր սեղմել։ Նրանք արդեն մոտ էին ելքին, երբ ընդառաջ հորդեցին աղջնակները․ Կ֊ն ևս չխուսափեց նրանցից։ Նրանք հաստատ տեսել էին, որ արվեստանոցի երկրորդ դուռն է բացվել և այդ կողմից ներս խցկվելու համար շրջանցիկ ճանապարհով էին եկել։
― Ես այլևս չեմ կարող ուղեկցել Ձեզ։― Երեխաների ճնշմանը ծիծաղելով դիմակայելով ասաց նկարիչը։― Ցտեսություն և շատ երկար մի մտածեք։
Կ֊ն չշրջվեց նույնիսկ։ Փողոցում նա կանգնեցրեց առաջին պատահած կառքը։ Կատարածուից շուտ ազատվելը շատ կարևոր էր նրա համար, որովհետև ոսկեգույն կոճակը, թեև ուրիշ ոչ ոք չէր նկատում այն, անդադար աչքերի առաջ էր գալիս։ Կատարածուն պատրաստակամորեն ուզեց կառապանի կողքը նստել, սակայն Կ֊ն նրան այնտեղից քշեց։
Ճաշի ժամը վաղուց արդեն անցել էր, երբ Կ֊ն բանկ հասավ։ Նա մեծ հաճույքով նկարները կառքում կթողներ, վախեցավ, սակայն, որ առիթի դեպքում ստիպված կլինի նկարիչն ցույց տալ։ Հետո նա կարգադրեց կտավները գրասենյակ տանել և դրանք փակեց գրասեղանի ամենաստորին գզրոցում, որ գոնե մոտ օրերոս հեռու պահեր տնօրենի տեղակալի աչքից։
Վաճառական Բլոկը։ Փաստաբանի լուծարքը
Վերջապես Կ֊ն վճռեց փաստաբանից վերցնել գործի պաշտպանությունը։ Թեև արարքի արդարացիության վերաբերյալ կասկածները չէր կարելի ժխտել, սակայն անհրաժեշտ համոզվածությունն ավելի մեծ էր։ Այն օրը, երբ Կ֊ն մտադիր էր գնալ դոկտոր Հուլդի մոտ, այդ վճիռը շատ ուժ խլեց նրանից․ նա ընդգծված դանդաղկոտությամբ էր աշխատում, անհրաժեշտ եղավ շատ երկար մնալ գրասենյակում, և ժամը տասն անց էր արդեն, երբ վերջապես կանգնեց փաստաբանի դռան առաջ։ Նախքան զանգի կոճակը սեղմելը նա մտածեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի հեռախոսով տեղեկացնել հրաժարականի մասին․ երես առ երես խոսելը, անշուշտ, շատ դժվար կլիներ։ Այնուամենայնիվ, նա չուզեց ետ կանգնել իր որոշումից, ցանկացած դեպքում հրաժարվելը պետք է ընդունվեր անձայն կամ մի քանի անկարևոր բառերով, և, եթե հետո Լեննիից որոշ բաներ տեղեկանալու չլիներ, Կ֊ն երբեք չէր իմանա, թե փաստաբանն ինչպես է ընդունել լուծարքը և, ըստ նրա ոչ այնքան անկարևոր կարծիքի, ինչ հետևանք կարող էր ունենալ դա Կ֊ի համար։ Եթե փաստաբանը այդ նորությունից անակնկալի եկած նստեր, թեկուզ նրա տեսքը թույլ էլ չտար շատ բան կռահել, նրա դեմքից ու շարժուձևերից Կ֊ն հեշտ կկարողանար որսալ անհրաժեշտ բաները։ Բացառված չէր նույնիսկ, որ փաստաբանը համոզեր, ասեր, թե լավ կլինի իրեն վստահել պաշտպանությունը և ետ կանգնել հրաժարվելուց։
Փաստաբանի դռան առաջին զանգը՝ ինչպես միշտ, անպատասխան մնաց։
«Լեննին կարող էր և ավելի արագաշարժ լինել»,― մտածեց Կ֊ն, սակայն այն հանգամանքը, որ առաջին անգամվա պես ուրիշ մարդ միջամտեց, արդեն մի բան նշանակում էր, թե չէ կամ գիշերազգեստ հագած տղամարդն էր գլուխ տանում, կամ ուրիշ մեկը։ Երկորրդ անգամ զանգի կոճակը սեղմելիս Կ֊ն դիմացի դռան կողմը նայեց։ Այս անգամ սա էլ էր փակ։ Ի վերջո փաստաբանի դռան դիտանցքի մեջ երկու աչք հայտնվեց, բայց դրանք Լեննիի աչքերը չէին։ Մեկը քաշեց սողնակը, սակայն կռթնեց դռանն ու ձայն տվեց․
― Նա է։
Հետո միայն բացեց։ Կ֊ն հրեց, որովհետև լսեց թիկունքում գտնվող բնակարանի դռան կողպեքի մեջ բանալու արագ պտտվելը։ Երբ փաստաբանի դուռը վերջապես բացվեց, նա պարզապես ներս ընկավ նախասենյակ ու նկատեց երկու սենյակների միջև ձգվող միջանցքով շապկանց փախչող Լեննիին․ զգուշացնող կանչը նրան էր վերաբերում։ Կ֊ն միայն մի պահ նայեց նրա հետևից ու շրջվեց դուռը բացողի կողմը։
― Դուք այստե՞ղ եք աշխատում։
― Այս տան մեջ ես օտար մարդ եմ։ Փաստաբանն իմ ներկայացուցիչն է, դատարանի հետ առնչվող գործերով եմ եկել։
― Առանց պիջակի՞։― Կ֊ն ձեռքի շարժումով ցույց տվեց դիմացինի ոչ լրիվ հանդերձանքը։
― Ախ, ներեցեք, խնդրեմ։― Մարդը ձեռքի մոմով լուսավորեց ինքնիրեն, կարծես առաջին անգամ էր տեսնում իր վիճակը։
― Լեննին Ձեր սիրուհի՞ն է,― կարճ հարցրեց Կ֊ն։ Նա ոտքերը փոքր֊ինչ չռված էր դրել, ձեռքերը (գլխարկը ձեռքում էր) դարսել էր մեջքին։ Արդեն այն հանգամանքը, որ ինքը հաստ վերարկուով է, թվաց, թե իր վիճակը ավելի նախընտրելի է դարձնում նիհարակազմ մարդուկից։
― Աստված իմ։― Վախից կարկամած կարճահասակը ձեռքն ի պաշտպանությունը պահեց դեմքին։― Ո՛չ, ո՛չ։ Այդ ի՞նչ եք մտածում։
― Ձեր տեսքը հավատ է ներշնչում,― ժպտաց Կ֊ն։― Այնուամենայնիվ, եկեք։― Նա գլխարկով նշան արեց և թույլ տվեց, որ մարդուկն առաջ անցնի։― Իսկ ինչպե՞ս է Ձեր անունը։
― Բլոկ։ Վաճառական Բլոկ։― Ներկայանալու ժամանակ կարճահասակը շուռ եկավ Կ֊ի կողմը, բայց վերջինս չթողեց, որ նա կանգնի։
― Դա Ձեր իսկակա՞ն անունն է։
― Իհարկե։ Իսկ ինչո՞ւ եք կասկածում։
― Թվաց, թե Դուք կարող եք անունը թաքցնելու պատճառ ունենալ։― Կ֊ն իրեն այնպես անկաշկանդ էր զգում, ինչպես սովորաբար օտար վայրում ավելի ցածրաստիճան մարդկանց հետ խոսելիս են լինում․ սեփական անձին վերաբերող ամեն ինչ գաղտնի են պահում, անտարբեր տոնով մյուսների գործերով են հետաքրքրվում, նման վարվելաձևով նրանց իրենցից վեր են դասում, բայցև ուզած դեպքում կարող են ներքև գցել։
Փաստաբանի աշխատասենյակի մոտ Կ֊ն կանգնեց, բացեց դուռը և կանչեց խոնարհաբար առաջ գնացած վաճառականին։
― Մի շտապեք։ Այստեղ լուսավորեք։― Նա կարծում էր, թե Լեննին կարող էր այնտեղ թաքնված լինել․ վաճառականին ստուգել տվեց բոլոր անկյունները, սակայն սենյակը դատարկ էր։ Դատավորի նկարի մոտ Կ֊ն տաբատակալերից բռնած կանգնեցրեց վաճառականին։
― Ճանաչո՞ւմ եք սրան։― Նա ցուցամատը վեր պարզեց։ Վաճառականը բարձրացրեց մոմն ու աչքերը կկորցելով նայեց։
― Դատավոր է։
― Բարձրաստիճա՞ն։― Կ֊ն անկյան տակ կանգնեց վաճառականի դիմաց, որ զններ նկարի՝ դիմացինի վրա թողած ազդեցությունը։ Վաճառականը զարմանքով վեր էր նայում։
― Բարձրաստիճան դատավոր է։
― Դուք այնքան էլ լավ տեղեկացված չեք։ Սա ամենափոքր քննիչն է բոլոր քննիչների մեջ։
― Հիմա հիշեցի։― Վաճառակաը իջեցրեց մոմը։― Ես էլ էի լսել այդ մասին։
― Բա ո՞նց,― բացականչեց Կ֊ն։― Ես մոռացել էի։ Դուք, իհարկե, պետք է որ արդեն լսած լինեիք։
― Բայց, ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ,― հարցրեց վաճառականը, երբ Կ֊ն քաշելով նրան դեպի դուռը տարավ։
― Դուք հաստատ գիտե՞ք, թե որտեղ է թաքնվել Լեննին,― արդեն միջանցքում հարցրեց Կ֊ն։
― Թաքնվե՞լ,― զարմացավ վաճառակաը։― Ոչ, նա պետք է խոհանոցում փաստաբանի համար ապուր եփելիս լինի։
― Ինչո՞ւ անմիջապես չասացիք։
― Ես, ախր, ուզեցի Ձեզ այնտեղ ուղեկցել, բայց Դուք ինձ ետ կանչեցիք։― Վաճառակաը կարծես շփոթված լիներ իրար հակասող հրամաններից։
― Ձեզ թվում է, թե շատ խորամանկն եք։ Ուղեկցեք ինձ։― կ֊Ն դեռ երբեք չէր եղել խոհանոցում։ Այն անսովոր մեծ էր և հարուստ կահավորվում ուներ․ հենց միայն սալօջախը երեք անգամ մեծ էր սովորականից։ Մյուս իրերը հնարավոր չէր մանրամասն զննել, որովհետև մենակ մի փոքր լամպ էր լուսավորում խոհանոցը, և այլն էլ դռան մոտ էր կախված։ Սովորականի պես, սպիտակ գույնի գոգնոցը կապած Լեննին կանգնել էր օջախի մոտ և սպիրտայրոցի վրա դրած կաթսայի մեջ ձու էր կոտրում։
― Բարի երեկո, Յոզեֆ,― մի պահ գործից կտրվելով, ողջունեց նա։
― Բարի երեկո,― Կ֊ն ձեռքով ցույց տվեց փոքր֊ինչ հեռու դրված բազկաթոռը, ուր պետք է նստեր վաճառականը։ Վերջինս այդպես էլ վարվեց, մինչդեռ Կ֊ն թիկունքի կողմից մոտեցավ Լեննիին ու կռացավ նրա ուսին․
― Ո՞վ է այս մարդը։
Լեննին մի ձեռքով գրկեց Կ֊ին (մյուսով շարունակ ապուրն էր խառնում), քաշեց իր կողմն ու ասաց․
― Կարեկցանքի արժանի մարդ է, մի խեղճ վաճառական։ Ոմն Բլոկ։ Հապա միայն նրան նայիր։
Երկուսով միաժամանակ ետ նայեցին։ Վաճառականը նստել էր բազկաթոռին, ուր Կ֊ն էր մատնացույց արել։ Նա փչել֊հանգցրել էր մոմը, որի լույսն այժմ ավելորդ էր, և ծուխը կտրելու նպատակով պատրույգն էր սեղմում։
― Դու շապկանց էիր,― ասաց Կ֊ն և Լեննիի գլուխը ձեռքով շուռ տվեց օջախի կողմը․ վերջինս ձայն չհանեց։― Նա քո սիրեկա՞նն է,― հարցրեց Կ֊ն, երբ Լեննին ոչինչ չպաստասխանեց։ Սպասուհին ուզեց ձեռքը կաթսայի կողմը մեկնել, բայց Կ֊ն բռնեց,― պատասխանի՛ր։
― Գնանք աշխատասենյակ, այնտեղ ամեն ինչ կբացատրեմ։
― Ո՛չ, ես ուզում եմ, որ այստեղ խոսես։
Լեննին կախվեց նրա պարանոցից, ուզեց համբուրել, բայց Կ֊ն ետ մղեց։
― Չեմ ուզում, որ հիմա էլ ինձ համբուրես։
― Յոզեֆ։― Լեննին Կ֊ին նայեց։ Նրա հայացքում խնդրանք կար, բայց ուղիղ աչքերի մեջ էր նայում։― Դու չպետք է պարոն Բլոկին խանդես։ Ռուդի։― Վաճառականի կողմը շուռ եկավ նա։― Օգնիր։ Տեսնո՞ւմ ես, ինձ կասկածում են։ Թող մոմը։
Կարելի էր ենթադրել, թե վաճառակաը ոչինչ չի լսել, բայց իրականում նա հետևում էր խոսակցությանը։
― Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչո՞ւ պետք է խանդեք։― Նրա խոսքերը հազիվ թե հնարամտություն լինեին։
― Անկեղծ ասած, ես էլ չգիտեմ,― ասաց Կ֊ն ու ժպտալով նայեց վաճառականին։ Լեննին բարձր ծիծաղեց և, օգտվելով Կ֊ի անուշադրությունից, թևն ընկավ։
― Հանգիստ թող,― շշնջաց նա։― Ախր տեսնում ես, թե ինչպիսի մարդ է։ Ես մի թեթև հոգ տարա նրա մասին, որովհետև փաստաբանի կարևոր այցելուներից է։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Իսկ դո՞ւ։ Հենց այսօ՞ր ես ուզում խոսել դոկտոր Հուլդի հետ։ Նրա վիճակը շատ վատ է, բայց եթե ուզում ես, կհայտնեմ քո մասին։ Իսկ գիշերը կմնաս ինձ մոտ, այդ մեկը հաստատ է։ Արդեն վաղուց չես եղել ինձ մոտ։ Դոկտոր Հուլդն անձամբ քո մասին էր հարցնում։ Անուշադրության մի մատնիր դատը։ Ես էլ եմ որոշ բաներ իմացել և պետք է հայտնեմ քեզ։ Դե, իսկ այժմ նախ վերարկուդ հանիր։
Նա օգնեց Կ֊ին հանել վերարկուն, վերցրեց գլխարկը, դրանք տարավ նախասենյակ, կախեց, ետ եկավ ու ապուրին նայեց։
― Քո գալը հայտնե՞մ, թե՞ ապուրը տանեմ։
― Առաջ իմ մասին տեղեկացնում։― Կ֊ն գրգռված էր։ Սկզբում նա մտադիր էր եղել Լեննիի հետ մանրամասն քննարկել իր գործը, հետկապես հնարավոր հրաժարականը, սակայն վաճառականի այստեղ գտնվելու հանգամանքը վերացրեց առանձին խոսելու ցանկությունը, իսկ հետո նա նորից ավելի կարևոր համարեց դատը, քան փոքրմարմին վաճառականի ներկայությունը, և կանչեց միջանցք ելած Լեննիին․
― Նախ ապուրը մատուցիր։ Ինձ հետ խորհրդակցելու համար նա ուժ պետք է հավաքի։ Դա անհրաժեշտ է նրան։
― Դո՞ւք էլ եք փաստաբանի այցելուներից։― Կարծես ճշտելու նպատակով, իր անկյունից կամաց խոսեց վաճառականը, սակայն նրա խոսքերն այնքան էլ լավ չընդունվեցին։
― Ձե՞ր ինչ գործն է։
― Դու խելոք մնա,― իր հերթին սաստեց Լեննին։― Ուրեմն սկզբում ապո՞ւրը տանեմ։― Դարձավ նա Կ֊ին և ափսեի մեջ ապուր լցրեց։― Վատն այն է, որ շուտով քնելու է։ Ուտելուց հետո նա միշտ քնում է։
― Իմ ասելիքը արթուն կպահի նրան։― Կ֊ն շարունակ ձգտում էր զգացնել տալ, որ փաստաբանի հետ մտադիր է կարևոր բանի մասին խոսել։ Նա ուզում էր, որ Լեննին հարցնի, թե ի՞նչ է խոսելու, և հետո միայն նրանից խորհուրդ հարցներ։ Սակայն սպասուհին պարզապես ճշգրտորեն կատարում էր տրված հրամանները։ Երբ նա ափսեն բռնած անցավ Կ֊ի կողքով, դիտավորյալ հրեց քնքշորեն ու շշնջաց․
― Հենց ապուրը ուտի֊վերջացնի, անմիջապես կհայտնեմ քո մասին, որ հնարավորին չափ շուտ ետ ստանամ քեզ։
― Գնա՛, գնա՛։
― Ավելի սիրալիր եղիր,― ասաց Լեննին, և դռան մեջ մի անգամ ևս շրջվեց։ Կ֊ն հայացքով հետևեց նրան։ Այժմ վերջնականապես վճռված էր․ գործը վերցնելու է փաստաբանից։ Երևի ավելի լավ էր, որ նախօրոք չէր կարող Լեննիի հետ խոսել այդ մասին․ դժվար թե Լեննին գործի ընթացքի մասին ամբողջական պատկերացում ունենար։ Նա հաստատ կփորձեր հակառակն համոզել, այս անգամ նրա ծառայությունից հրաժարվելու մտադրությունից, հնարավոր է, ուզենար հետ պահել։ Ինքն հետո երկմտանքի ու մտատանջության մեջ կմնար և, վերջապես, որոշ ժամանակ անց իր որոշումը այնուամենայնիվ կիրագործեր, որովհետև դա չափազանց ստիպողական էր։ Ինչքան շուտ իրականացվեր, այնքան ավելի շատ վնասներ կկանխվեին։ Երևի վաճառականը կարողանար մի բան ասել այդ մասին։ Նա շուռ եկավ։
Հազիվ էր վաճառականը Կ֊ի շրջվելը նկատել, անմիջապես ուզեց ոտքի կանգնել։
― Նստեք։― Կ֊ն մոտ քաշեց բազկաթոռներից մեկը։― Դուք փաստաբանի հի՞ն այցելուներից եք։
― Այո, շատ հին։
― Քանի՞ տարի է հանդես գալիս Ձեր անունից։
― Չգիտեմ, թե ի՞նչ նկատի ունեք,― ասաց վաճառականը։― Առևտրի հետ առնչվող գործերում (ես հացահատիկի առևտրով եմ զբաղվում) փաստաբանն արդեն քսան տարի իմ ներկայացուցիչն է։ Երբ նոր էի սկսել դրանով զբաղվել։ Դատավարության գործում (Դուք հավանաբար դա եք ակնարկում) նույնպես հենց սկզբից է ներկայացնում ինձ։ Հինգ տարուց ավելի, այո, հինգ տարին անցել է արդեն,― ավելացրեց նա և մի հին դրամապանակ հանեց։― Ես ամեն ինչ գրի եմ առել այստեղ։ Եթե Ձեզ հետաքրքրում է, ճշգրիտ օրն ասեմ։ Ամեն ինչ մտապահելը դժվար է։ Իմ դատավարությունը հավանաբար ավելի շուտ է սկսվել։ Կնոջս մահից կարճ ժամանակ անց սկսվեց, իսկ նա հինգուկես տարուց ավելի է, ինչ մահացել է։
Կ֊ն բազկաթոռը ավելի մոտ քաշեց։
― Ուրեմն, փաստաբանը սովորական գործեր է՞լ է վարում։― Դատարանների ու իրավաբանական գիտությունների նման կապը Կ֊ին իսկապես հանգստացրեց։
― Իհա՛րկե,― հաստատեց վաճառականը և շշնջաց,― ասում են, որ այս գործում նա ավելի գործունյա է, քան մնացյալում։― Հետո նա երևի թե ափսոսաց ասածի համար, մի ձեռքը դրեց Կ֊ի ուսին և ասսաց․
― Շատ եմ խնդրում, չմատնեք ինձ։
― Ոչ, ես մատնիչ չեմ։― Կ֊ն հանգստացնելու համար թփթփացրեց նրա ծնկին։
― Նա շատ վրեժխնդիր է։
― Նման հավատարիմ այցելուին, հաստատ, ոչինչ չի անի։
― Օ, ոչ։ Երբ գրգռված է լինում, ոչինչ չի տարբերում։ Ի դեպ, ես նրան հավատարիմ չեմ։
― Այդ, ինչպե՞ս։
― Կարո՞ղ եմ վստահել Ձեզ,― կասկածանքով հարցրեց վաճառականը։― Մասամբ կվստահեմ, սակայն Դուք էլ Ձեր հերթին պետք է մի գաղտնիք ասեք ինձ, որ փաստաբանի հանդեպ փոխադարձ կախվածության մեջ լինենք։
― Շատ կասկածամիտն եք, բայց ես մի գաղտնիք կասեմ, որ լրիվ կհանգստացնի ձեզ։ Ուրեմն, ինչո՞ւմ է դրսևորվում փաստաբանի հանդեպ Ձեր անհավատարմությունը։
― Ես,― ոչ լրիվ վստահելով և մի այնպիսի տոնով, կարծես անպատվաբեր բան է խոստովանում, սկսեց վաճառականը,― ես նրանից բացի էլի փաստաբաններ ունեմ։
― Այնքան էլ վատ չէ,― փոքր֊ինչ հիասթափված ասաց Կ֊ն։
― Այստեղ, ախր, չի թույլատրվում,― շարունակեց վաճառականը։ Իր խոստովանությունը սկսելու պահից նա ծանր էր շնչում, բայց Կ֊ի դիտողությունը նպաստեց նրա ավելի ինքնավստահ դառնալուն։― Իսկ ամենից քիչ՝ այսպիսի մի փաստաբանի հետ մեկտեղ որևէ աղմկարար փաստաբան պահելն է թույլատրվում։ Մինչդեռ ես հենց այդպես եմ վարվել․ նրանից բացի հինգ աղմկարար փաստաբան էլ ունեմ։
― Հի՜ի՞նգ։― Հենց միայն թիվը զարմանք պատճառեց Կ֊ին։― Այս մեկից բացի ևս հինգ փաստաբա՞ն։
― Արդեն վեցերորդի հետ եմ բանակցում։― Գլխով անելուց հետո ավելացրեց վաճառականը։
― Բայց Ձեր ինչի՞ն են պետք այդքանը։
― Բոլորն էլ պետք են ինձ։
― Չէի՞ք ցանկանա բացատրել։
― Հաճույքով։ Ամենից առաջ, ես չեմ ուզում դատը տանուլ տալ։ Դա, ախր, ինքնին հասկանալի է։ Դրա հետ կապված՝ իրավունք չունեմ աչքաթող անել այն, ինչ կարող է օգտակար լինել։ Եթե կոնկրետ որևէ դեպքում օգուտի հույսը չափից դուրս փոքր էլ լինի, անտեսելու իրավունք չունեմ։ Այդ պատճառով ամեն ինչ դատը շահելու նպատակաին եմ ծառայեցնում։ Օրինակ, առևտրին հատկացված ողջ փողը վերցրել եմ։ Նախկինում իմ գրասենյակները մի ողջ հարկաբաժին էին զբաղեցնում, այսօր հետնաբակի փոքրիկ խուցն էլ բավականացնում է։ Այստեղ ես մի աշակերտի հետ եմ աշխատում։ Այդ ետընթացի պատճառը, ինչ խոսք, միայն փողը վերցնելը չէ, այլ, ավելի շուտ, իմ եռանդի նվազումը։ Երբ մարդ դատը շահելու նպատակ ունի, չի կարող մյուս բաներով շատ զբաղվել։
― Ուրեմն Դուք անձամբ դատարնում է՞լ եք աշխատում։ Հենց այդ մասին հաճույքով կուզենայի որևէ բան իմանալ։
― Քիչ բան կարող եմ հայտնել։ Սկզբում, իրոք, փորձեցի, սակայն հետո ձեռք քաշեցի դրանից․ շատ է հոգնեցնում և հաջողության տեսակետից չի արդարացնում իրեն։ Աշխատելն ու որևէ բան ձեռնարկելը, գոնե ինձ համար, անհնարին դուրս եկավ։ Հենց միայն նստելն ու սպասելն են մեծ ջանքեր խլում։ Դուք, ախր, ինքներդ գիտեք, թե ինչքան ծանր է գրասենյակային բաժնի օդը։
― Ի՞նչ գիտեք, որ ես եղել եմ այնտեղ։
― Երբ անցաք, ես սպասասրահում էի։
― Ա՛յ քեզ զուգադիպություն,― ոգևորված բացականչեց Կ֊ն և ընդհանրապես մոռացավ, որ քիչ առաջ վաճառականը ծիծաղելի էր։― Ուրեմն Դուք տեսե՞լ եք ինձ։ Դուք գրասենյակո՞ւմ էիք, երբ ես անցա։ Այո, ես մի անգամ եղել եմ այնտեղ։
― Զուգադիպությունն այնքան էլ զարմանալի չէ։ Ես համարյա ամեն օր այնտեղ եմ։
― Երևի ես էլ ստիպված լինեմ ավելի հաճախ գնալ, միայն թե հազիվ այն անգամվա նման հարգալից ընդունելության արժանանամ։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Նրանք հավանաբար կարծեցին, թե դատավոր եմ։
― Ոչ։ Մենք այն օրը կատարածուին ողջունեցինք։ Որ Դուք մեղադրյալ եք, մենք հաստատ գիտեինք։ Նման լուրերը շատ արագ են տարածվում։
― Նշանակում է Դուք արդեն գիտեի՞ք։ Այդ դեպքում երևի իմ վարքը գոռոզամիտ թվաց։ Այդ մասին ոչինչ չխոսեցի՞ն։
― Ոչ։ Ընդհակառակը։ Սակայն դրանք անմիտ բաներ են։
― Ինչպե՞ս թե անմիտ բաներ։
― Ինչո՞ւ եք հարցնում։― Վաճառականը սկսեց զայրանալ։― Երևում է, որ չեք ճանաչում այնտեղի մարդկանց և, հնարավոր է, սխալ հասկանաք բացատրությունը։ Դուք պետք է մտածեք, որ այս հետաքննության ժամանակ այնպիսի բաների մասին է խոսվելու, որ այլևս հնարավոր չէ հասկանալ։ Մարդ հոգնում է պարզապես, շատ հարցերում չի կարողանում կողմնորոշվել և, որպես հատուցում՝ սնահավատ է դառնում։ Ես ուրիշների մասին եմ խոսում, բայց ինքս էլ բնավ ավելի լավը չեմ։ Նման մի սնահավատության օրինակ է, որ շատերն են ուզում մեղադրյալի դեմքից՝ հատկապես շուրթերի գծագրությունից հասկանալ գործի ելքը։ Այդ մարդիկ, ուրեմն Ձեր շրթունքներից եզրակացնելով պնդեցին, որ Դուք անպայման և շատ շուտով կդատապարտվեք։ Կրկնում եմ, ծիծաղելի սնահավատություն է և դեպքերի մեծ մասի ընթացքով լրիվ հերքվում է փաստորեն, սակայն երբ մարդ նման հասարակության մեջ է լինում, կարծիքների ազդեցության տակ չընկնելը շատ դժվար է։ Հիմա պատկերացրեք սնահավատության ազդեցության ուժը։ Դուք, կարծեմ, մեկին դիմեցիք, չէ՞, իսկ նա հազիվ էր կարողանում պատասխանել։ Այնտեղ շփոթված լինելու պատճառներ, իհարկե, շատ կան, բայց դրանցից մեկը ձեր շուրթերն էին։ Ձեր գնալուց հետո նա պատմեց, որ իրեն թվացել էր,թե Ձեր շուրթերի գծագրությունից նաև իր դատապարտումն է կարդացել։
― Իմ շուրթերի՞։― Կ֊ն գրպանից հանեց հայելին ու զննեց դեմքը։― Իմ շուրթերին նայելով ոչ մի առանձնահատուկ բան չեմ կարող գտնել։ Իսկ Դո՞ւք։
― Ես էլ։ Ոչինչ։
― Ի՜Նչ սնահավատ են այդ մարդիկ,― բացականչեց Կ֊ն։
― Չասացի՞։
― Ուրեմն նրանք այնքան հաճախ են հանդիպում, որ կարծիքնե՞ր են փոխանակում։ Առայսօր ես բոլորովին ձեռնպահ եմ մնացել այնտեղ գնալուց։
― Նրանք սովորաբար չեն շփվում։ Այնքան շատ են, որ հնարավոր չէ։ Բայց այդ, ընդհանուր հետաքրքրությունը շատ քիչ է։ Եթե երբեմն խմբերից մեկում մի ընդհանուր շահի հանդեպ հավատ է ստեղծում, ապա շուտով պարզվում է, որ դա մոլորություն է։ Դատարանի դեմ համախմբված կերպով ոչնչի հնարավոր չէ հասնել։ Յուրաքանչյուր դեպք առանձին է ուսումնասիրվում․ այս դատարանը ամենամանրախնդիրն է։ Խմբովին, ուրեմն, ոչինչ հնարավոր չէ, միայն առանձին դեպքերում անհատ մեկը կարող է գաղտնի որևէ բան անել։ Այդ մեկի՝ իր ուզածին հասնելուց հետո նոր են մյուսները լսում, բայց ոչ ոք չի իմանում, թե նա ինչպե՞ս է հաջողության հասել։ Ոչ մի համախմբվածություն չկա ուրեմն։ Թեև նրանք երբեմն֊երբեմն հավաքվում են սպասասենյակում, բայց այնտեղ նրանք քիչ են խոսում։ Սնահավատ մտքերը անհաշիվ ժամանակներից ի վեր կան և, ճիշտն ասած, իրենք֊իրենց են բազմանում֊տարածվում։
― Ես ընդունարանաւոմ տեսա պարոններին, և նրանց սպասելն ինձ այնքան անիմաստ թվաց։
― Սպասելն անիմաստ չէ,― նկատեց վաճառականը։― Միայն ինքնուրույն ձեռնարկումն է անիմաստ։ Ասել եմ արդեն, որ այս մեկից բացի, հինգ փաստաբան էլ ունեմ։ Կարելի էր մտածել, թե այժմ լրիվ կարող եմ նրանց հույսին թողնել գործը։ Սկզբում ես էլ էի կարծում, բայց սխալվեցի։ Ես ավելի մեծ դժվարությամբ կարող եմ գործն այդ հինգ հոգուն թողնել, քան եթե միայն մեկն ունենայի։ Դուք, հավանաբար, չե՞ք հասկանում։
― Ո՛չ,― ասաց Կ֊ն և վաճառականի խոսքերի չափազանց արագ հոսքն ընդհատելու համար ձեռքը հանգստացնելով դրեց նրա ձեռքին։― Ես միայն կուզեի խնդրել Ձեզ, որ փոքր֊ինչ դանդաղ խոսեք։ Այդ բոլորն, ախր, ինձ համար կարևոր բաներ են, մինչդեռ ես չեմ կարող Ձեր խոսքերի հետևից հասնել։
― Լավ է, որ հիշեցրիք։ Այս գործում Դուք նոր եք, անփորձ։ Ձեր գործը կես տարվա պատմություն ունի, այնպես չէ՞։ Այո, լսել եմ։ Շատ թարմ գործ է։ Իսկ ես անթիվ անգամներ եմ մտածել այդ գործերի մասին և դրանց մասին մտածելը աշխարհում ամենաբնական բանն է ինձ համար։
― Դուք, հավանաբար, գո՞հ եք, որ Ձեր գործն այդքան առաջ է գնացել։― Կ֊ն չէր ուզում անմիջապես հարցնել, թե ի՞նչ վիճակում է վաճառականի դատական գործը, սակայն հարցի պատասխանն այնքան էլ հստակ չէր։
― Այո, գործն արդեն հինգ տարի է առաջ եմ գլորում։― Վաճառականը կախեց գլուխը։― Քիչ բան չէ, սակայն։
Նա մի պահ լռեց։ Կ֊ն ականջ դրեց․ արդյոք Լեննին չէ՞ր գալիս։ Մի կողմից նա չէր ուզում, որ Լեննին գար և վաճառականի հետ այդպես մտերմիկ զրուցելիս տեսներ, մյուս կողմից՝ զայրանում էր, որ չնայած իր այստեղ լինելուն, այդքան երկար է մնում փաստաբանի մոտ․ շատ ավելի երկար, քան ապուրը մատուցելու համար էր անհրաժեշտ։
― Ես դեռ լավ եմ հիշում այն ժամանակը,― վերսկսեց վաճառականը, և Կ֊ն անմիջապես համակ ուշադրություն դարձավ,― երբ իմ գործն էլ Ձերի վաղեմությունն ուներ։ Այն ժամանակ միայն այս փաստաբանն էր ինձ համար աշխատում, բայց ես այնքան էլ գոհ չէի նրանից։
«Հիմա արդեն ամեն ինչ կիմանամ»,― մտածեց Կ֊ն և աշխույժ գլխով արեց, կարծես դրանով կարող էր վաճառականին ավելի ոգևորել, որ էական ոչ մի բան բաց չթողներ։
― Թեև հարցաքննություններ լինում էին,― շարունակեց վաճառականը,― ես բոլորովին ներկա էի լինում, նյութեր էի հավաքում, իմ առևտրական հաշվեմատյաններն էի հանձնել փաստաբանին (մի բան, որ, ինչպես հետո իմացա, ավելորդ էր), շարունակ գնում֊գալիս էի փաստաբանի մոտ, իր հերթին նա տարբեր խնդրագրեր էր ներկայացնում, բայց գործն առաջ չէր գնում։
― Տարբեր խնդրագրե՞ր։
― Այո, իհարկե։
― Դա շատ կարևոր է։ Իմ գործով զբաղվելիս նա շարունակ միայն առաջին խնդրագիրն է շարադրում և դեռ ոչինչ չի արել։ Այժմ ես հասկանում եմ, որ նողկալի կերպով անուշադրության է մատնել ինձ։
― Խնդրագրի պատրաստ չլինելը կարող է արդարացնող տարբեր պատճառներ ունենալ,― առարկեց վաճառականը։― Ի դեպ, ինչպես հետո պարզվեց, խնդրագրերը բոլորովին անարժեք բաներ էին։ Դրանցից մեկը ես դատարանի մի պաշտոնյայի սիրալիրության շնորհիվ անձամբ եմ կարդացել։ Թեև գրագետ էր շարադրված, բայց անիմաստ էր։ Նախ՝ լատիներենն էր շատ, և ես չհասկացա, հետո՝ մի քանի էջ ծավալով դիմումներ էին դատարանին ուղղված, հետո քծնանքներն էին գալիս՝ ուղղված տարբեր պաշտոնյաների, որոնց անունները թեև նշված չէին, բայց այդ բնագավառի մարդը կկռահեր հաստատ, դրան փաստաբանական ինքնագովությունն էր հետևում, ուր նա շան նման նվաստանում էր դատարանի առջև, և վերջում անցած տարիների՝ իմ գործին նման թվացող գործերի քննություններն էին։ Դրանք, համենայնդեպս, ինչքան որ ես կարողացա կարդալ, շատ մեծ հոգատարությամբ էին արված։ Այս ամենով հանդերձ, ես չեմ ուզում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ ոչ մի եզրակացության հանգել։ Իմ կարդացած խնդրագիրը մեկն էր բազմաթիվ մյուսների շարքում, սակայն այն ժամանակ (այդ մասին եմ ուզում խոսել) չէի կարող որևէ առաջընթաց տեսնել իմ գործում։
― Իսկ ի՞նչ առաջընթաց էիք ուզում տեսնել։
― Շատ խելացի հարց եք տալիս,― ժպտալով պատասխանեց վաճառականը։― Նման գործավարության դեպքում շատ հազվադեպ կարելի է առաջընթաց քայլեր ակնկալել, բայց ես չգիտեի։ Ես վաճառական եմ, իսկ այն տարիներին ավելի՝ քան այժմ, ակնառու հաջողություններ ունենալ էի ուզում․ այս ամենը կամ պետք է իր ավարտն ունենար, կամ գոնե իր բնական ընթացքով զարգանար։ Դրա փոխարեն միայն հարցաքննություններ էին լինում․ դրանք մեծ մասամբ նույն բովանդակությունն ունեին, իսկ պատասխանները արդեն սաղմոսի պես անգիր էի արել։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ դատարանի կատարածուները իմ խանութն ու բնակարանն էին գալիս, որտեղ հանդիպեին՝ մոտենում էին։ Դա, ինչ խոսք, խանգարում էր (այսօր գոնե այդ տեսակետից շատ հեշտ է․ հեռախոսազանգը այնքան էլ չի խանգարում), իմ գործընկերների, հատկապես բարեկամների շրջանում սկսեցին հարուցված գործի մասին շշուկներ տարածվել։ Այսպես ուրեմն, տուժում էի բոլոր առումներով, բայց այն մասին, որ մոտակա օրերին գոնե դատական առաջին նիստերն են կայանալու, ոչ մի խոսք չկար։ Ես, ուրեմն, գնացի փաստաբանի մոտ և գանգատվեցի։ Նա թեև երկար֊բարակ բացատրություններ տվեց, սակայն վճռականորեն հրաժարվեց իմ ուզած ձևով մի քայլ իսկ անել։ Ասաց, որ դատական նիստի նշանակման օրը ոչ ոք չի կարող որոշել, խնդրագրի մեջ իմ ուզած ձևով ոչինչ չի կարող պահանջել, չլսված բան է, ինձ էլ, իրեն էլ կկործանի։ Ես մտածեցի․ այն, ինչ այս փաստաբանը չի կարող կամ չի ուզում, մի ուրիշը կուզենա և կկարողանա։ Ես, ուրեմն, սկսեցի նոր փաստաբան փնտրել։ Սկզբից ևեթ ուզում եմ զգուշացնել․ նրանցից ոչ մեկը դատականի նիստերի նշանակում չպահանջեց, ոչ էլ հասավ դրան։ Միայն մի վերապահությամբ (այդ մասին կխոսեմ դեռ․ իրոք անհնար էր) կարելի է ասել, որ դոկտոր Հուլդը ինձ չէր խաբել, իսկ ընդհանրապես չեմ զղջացել, որ մի ուրիշ փաստաբանի եմ դիմել։ Աղմկարար փաստաբանների մասին մի քանի բան դոկտոր Հուլդից պետք է իմացած լինեք արդեն։ Հավանաբար նա շատ արհամարհական տոնով է արտահայտվել, բայց նրանք իրոք արժանի են այդ տոնին։ Համենայնդեպս, երբ դոկտոր Հուլդը նրանց մասին է խոսում կամ իր գործընկներին է նրանց հետ համեմատում, մի աննշան սխալ է թույլ տալիս, և ես հենց այնպես ուզում եմ դրա վրա հրավիրել Ձեր ուշադրությունը։ Իր շրջանակների փաստաբաններին տարբերակելու համար նրանց «մեծ» փաստաբաններ է անվանում։ Դա սխալ է։ Իհարկե, ամեն ոք, երբ ուզենա, կարող է ինքն իրեն «մեծ» անվանել, մինչդեռ այս հարցում որոշիչ դերը միայն գործիմացությանն է պատկանում։ Գործիմացությունից կախված՝ աղմկարար փաստաբաններից բացի, մեծ ու փոքր փաստաբաններ էլ կան։ Սա ու նրա գործընկներները, համենայնդպես, փոքր փաստաբաններ են, մինչդեռ մեծերը՝ որոնց մասին լսել եմ միայն ու չեմ տեսել երբեք, իրենց աստիճանով անհամեմատ ավելի բարձր են կանգնած փոքրերից, ինչպես սրանք՝ արհամարհված աղմկարարներից։
― Մեծ փաստաբաննե՞ր։ Ովքե՞ր են նրանք։ Ինչպե՞ս կարելի է գտնել նրանց։
― Ուրեմն Դուք երբեք չե՞ք լսել նրանց մասին։ Հազիվ թե մի մեղադրյալ գտնվի, որ լսելուց հետո որոշ ժամանակ նրանց մասին չերազի։ Ավելի լավ է չգայթակղվեք։ Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մեծ փաստաբանները, և նրանց գտնելը հավանաբար հնարավոր չէ երբեք։ Նման մի դեպքի մասին դեռ լսած չկամ, երբ կարելի լինի վստահ ասել, թե նրանք միջամտել են։ Ոմանց պաշտպանում են, բայց սեփական կամքով հնարավոր չէ հասնել դրան․ նրանք միայն իրենց ուզած մարդկանց են պաշտպանում։ Այն գործը, որին նրանք են ձեռնամուխ լինում, պետք է որ ցածրաստիճան դատարանի իրավասության սահմաններից դուրս եկած լինի։ Իսկ ընդհանրապես, ավելի լավ է այդ մաիսն չմտածեք, որովհետև դրանից հետո մյուս փաստաբանների հետ կայացած քննարկումները, նրանց խորհուրդները, օգնությունները այնքան զզվելի և անօգուտ են թվում (անձամբ ես զգացել եմ դա), որ մարդ մեծ հաճույքով ցանկանում է ամեն ինչ մի կողմ նետել, տանը մնալ, պառկել մահճակալին ու այլևս ոչ մի բանի մասին չմտածել։ Իր հերթին էլ դա է շատ հիմար բան, որովհետև մահճակալում հնարավոր չէ երկար հանգստանալ։
― Ուրեմն Դուք մեծ փաստաբանների մասին չե՞ք մտածել։
― Ոչ շատ երկար։― Վաճառականը նորից ժպտաց։― Ցավոք հնարավոր չէ ընդհանրապես մոռանալ նրանց։ Հատկապես գիշերն է նման մտածողություններին նպաստում։ Այն ժամանակ ես անհապաղ ուզում էի հաջողության հասնել և դրանից հետո դիմեցի աղմկարար փաստաբանների օգնությանը։
― Լա՜վ եք կողք֊կողքի նստել,― բացականչեց Լեննին, որ հետ էր դարձել ու ափսեն ձեռքին կանգնել֊մնացել էր դռան մեջ։ Նրանք իսկապես, լավ մոտ էին նստել, նույիսկ ամենափոքր շարժում անելու դեպքում գլուխներն իրար կխփեին հաստատ։ Վաճառականը, որ առանց այդ էլ կարճահասակ էր, կուչ եկած նստել և դրանով պարտադրել էր Կ֊ին (եթե նա, իհարկե, ուզում էր լսել) նույնպես խորը կռանալ։
― Եվս մի վայրկյան։― Լեննիին ընդհատելով, բացականչեց Կ֊ն և անհամբեր թափ տվեց ձեռքը, որ շարունակ վաճառականի ձեռքին էր դրված։
― Նա ուզում էր իմ դատավարության մասին իմանալ։― Լեննիին բացատրեց վաճառականը։
― Պատմիր, պատմիր։― Լեննին վաճառականի հետ սիրալիր ու ներողմաիտ տոնով էր խոսում, և դա դուր չեկավ Կ֊ին։ Նա այժմ նկատեց, որ վաճառականը որոշակի արժեք ուներ, որոշ բաներ գիտեր համենայնդպես և կարողանում էր իմացածը մատուցել։ Լեննին հավանաբար սխալ կարծիքի էր նրա մասին։ Կ֊ն բարկացած նայեց, երբ Լեննին վաճառականի ձեռքից վերցրեց մոմը (Բլոկը մոմը դեռ ամուր պահել էր ձեռքերի մեջ), գոգնոցով սրբեց նրա ձեռքերը և չոքեց կողքին, որ քորեր շալվարի վրա կաթած մոմը։
― Դուք ուզում էիք աղմկարար փաստաբանների մասին պատմել,― ասաց Կ֊ն և, առանց մի բառ ասելու, հեռու տարավ Լեննիի ձեռքը։
― Ի՞նչ ես ուզում։― Սպասուհին թեթևակի խփեց Կ֊ին ու շարունակեց իր աշխատանքը։
― Այո, նրանց մասին,― ասաց վաճառականը և կարծես մտածելիս լիներ, շփեց ճակատը։ Կ֊ն ուզեց օգնել։
― Դուք ձգտում էիք անհապաղ հաջողության հասնել և նրանց դիմեցիք։
― Ճիշտ է,― վաճառականը չշարունակեց։
«Հավանաբար չի ուզում Լեննիի ներկայությամբ խոսել»,― մտածեց Կ֊ն և զսպեց իսկույնևեթ շարունակությունն իմանալու անհամբեր ցանկությունը, դադարեց հարցեր տալ։
― Իմ մասին հայտնեցի՞ր,― Լեննիին դիմեց նա։
― Ինչ խոսք։ Սպասում է քեզ։ Հանգիստ թող Բլոկին։ Կարող ես հետո էլ նրա հետ խոսել։ Նա այստեղից չի գնա։― Կ֊ն վարանեց։
― Դուք այստե՞ղ եք մնում,― վաճառականին հարցրեց նա։ Վաճառականի պատասխանն էր հարկավոր Կ֊ին, նա չէր ուզում, որ Լեննին վաճառականի մասին խոսեր՝ ինչպես երրորդ անձի։ Նա այսօր Լեննիի դեմ թաքուն զայրույթով էր լցված։
― Նա հաճախ է այստեղ քնում։― Նորից խոսեց Լեննին։
― Այստե՞ղ է քնում,― բացականչեց Կ֊ն։ Նա մտածել էր, թե վաճառականը կսպասի, մինչև ինքն արագ վերջացնի փաստաբանի հետ խոսելը, հետո միասին կգնան, ամեն ինչ հիմավորապես, առանց մեկնումեկի միջամտության պատճառով խանգարված լինելու, կքննարկեն։
― Այո,― ասաց Լեննին։― Փաստաբանի մոտ ցանկացած ժամին ներս մտնելը ոչ ամեն մեկին է վիճակված։ Յոզեֆ, քեզ կարծես բնավ չի զարմացնում այն հանգամանքը, որ չնայած տկարությանը, գիշերվա ժամը տասնմեկին նա դեռ ընդունում է քեզ։ Այն, ինչ քո ընկերներն են քեզ համար անում, չափից դուրս բնական է թվում քեզ։ Դե, քո ընկներները՝ գոնե ես, այդ բանը հաճույքով ենք անում։ Ես շնորհակալություն չեմ ուզում։ Սիրված լինելուց բացի ինձ ոչինչ պետք չէ։
«Քեզ սիրե՞լ,― առաջին պահին մտածեց Կ֊ն և միայն դրանից հետո նրա մտքով անցավ․― դե իհարկե, ես սիրում եմ նրան»։
Չնայած դրան, ամեն ինչ անտեսելով նա ասաց․
― Դոկտոր Հուլդն ընդունում է ինձ, որովհետև իմ փաստաբանն է։ Եթե դրա համար էլ կողմնակի օգնության անհրաժեշտություն լիներ, ստիպված կլինեինք ամեն քայլափոխի մուրալ և շնորհակալություն հայտնել։
― Ինչ վատն է այսօր, չէ՞,― վաճառականին դիմեց Լեննին։
«Հիմա էլ ես եմ բացակա անձը»,― մտածեց Կ֊ն և համարյա բարկացավ վաճառականի վրա, երբ սա՝ Լեննիի անքաղաքավարությունն անտեսելով, ասաց․
― Փաստաբանն ուրիշ պատճառով էլ է ընդունում նրան։ Նրա գործը ավելի հետաքրքիր է, քան՝ իմը, դրանից բացի՝ նոր է սկսվել, հետևաբար, հնարավոր է, որ առայժմ խճճված չէ։ Դա է փաստաբանի՝ հաճույքով զբաղվելու պատճառը։
― Այո, այո։― Լեննին ծիծաղելով նայեց վաճառականին։― Ա՛յ թե լեզվիդ ես տալիս։ Դու նրան մի հավատա։― Լեննին Կ֊ի կողմը շրջվեց։― Նա որքան հաճելի է, նույնքան՝ բացբերան։ Գուցե դա է պատճառը, որ փաստաբանը տանել չի կարողանում նրան։ Համենայնդպես, ընդունում է միայն, երբ տրամադրություն է ունենում։ Այդ սովորությունը փոխելու ուղղությամբ ես արդեն շատ եմ չարչարվել, բայց անհնար է։ Պատկերացրու միայն․ երբեմն հայտնում եմ Բլոկի գալը, իսկ նա սրան երեք օր հետո նոր ընդունում է։ Եթե ներս հրավիրելու պահին սա տեղում չի լինում, ամեն ինչ կորչում է, անհրաժեշտ է լինում նորից սպասել։ Դա է պատճառը, որ թույլ եմ տալիս այստեղ քնի։ Եղել է, որ փաստաբանը գիշերով է կանչել․ հիմա սա գիշերներն էլ է պատրաստ։ Այնպես էլ է եղել, որ երբ պարզվել է, թե Բլոկը տեղում է, նա փոխել է ներս կանչելու հանձնարարությունը։
Կ֊ն հարցական հայացքը վաճառականին հառեց։ Վերջինս գլխով արեց և նույն անկեղծությամբ, ինչպես քիչ առաջ Կ֊ի հետ էր խոսում՝ (երևի ամոթից շփոթվել էր), ասաց․
― Այո, հետո մարդ շատ է կախման մեջ լինում իր փաստաբանից։
― Նրա գանգատը ձև է,― ասաց Լեննին։― Այստեղ, ինչպես ինքն է խոստովանել հաճախ, մեծ հաճույքով է քնում։― Լեննին մի փոքր դռան մոտեցավ ու հրեց֊բացեց։― Ուզո՞ւմ ես տեսնել նրա ննջասենյակը։
Կ֊ն մոտ գնաց, անպատուհան, ցածր առաստաղով սենյակի շեմից ներս նայեց․ նեղ մահճակալը ազատ տեղ համարյա չէր թողել, պատկելու համար անհրաժեշտ էր մահճակալի ներքևի գլխարկալի վրայով բարձրանալ։ Պատի մեջ՝ վերևի կողմում, խորշ կար, ուր կանոնավոր կերպով դասավորված էին մոմը, թանաքամանը՝ գրիչով, և մի կապ թուղթ, հավանաբար դատավարության փաստաթղթերն էին։
― Դուք աղախնի սենյակո՞ւմ եք քնում,― հարցրեց Կ֊ն և շրջվեց վաճառականի կողմը։
― Լեննին ինձ համար է կահավորել։ Շատ հարմար է։
Կ֊ն երկար նայեց նրան․ ստացած առաջին տպավորությունը երևի ճիշտ էր։ Վաճառականը որոշ փորձ ուներ, որովհետև նրա դատը երկար ժամանակ է, ընթանում էր, սակայն ձեռք բերածի համար նա թանկ էր վճարել։ Կ֊ն միանգամից զգաց, որ չի կարողանա դիմանալ վաճառականի տեսքին։
― Անկողի՛ն մտցրու նրան,― բղավեց նա Լեննիին։ Չէր երևում, թե սպասուհին հասկացավ նրա միտքը։ Կ֊ն մտադիր էր փաստաբանի մոտ մտնել և նրանից հրաժարվելով ոչ միայն նրան հրաժեշտ տալ, այլ նաև Լեննիին ու վաճառականին։ Մինչ նա դռանը կմոտենար, վաճառականը մեղմ ձայնով ասաց․
― Պարոն հավատարմատար։― Կ֊ն զայրացած դեմքով շուռ եկավ։― Դուք մոռացաք Ձեր խոստումը։― Նա նստած տեղից խնդրագիրն առաջ ձգեց։― Ուզում էիրք մի գաղտնիք հայտնել։
― Իսկապես։― Կ֊ի հայացքը ուշադիր իրեն նայող Լեննիի վրայով ևս սահեց։― Լսեք, ուրեմն։ Իմ ասելիքն այլևս գաղտնիք չէ, համենայնդպես։ Ես գործը վերցնելու մտադրությամբ եմ փաստաբանի մոտ գնում։
― Նա հրաժարվո՛ւմ է փաստաբանից,― բացականչեց վաճառականը, ցատկեց բազկաթոռին և ձեռքերը վեր բարձրացրած, սկսեց շրջան գծել խոհանոցում։― Նա փաստաբանից վերցնո՜ւմ է գործը,― շարունակ բացականչում էր նա։
Լեննին ուզեց անմիջապես վրա պրծնել Կ֊ին, սակայն վաճառականը նրա դեմն ելավ, որի համար և բռունցքների հարված ստացավ։ Լեննին՝ բռունցքները սեղմած, վազեց Կ֊ի հետևից, բայց Կ֊ն բավական հեռու էր։ Նա արդեն փաստաբանի սենյակում էր, երբ Լեննին հասավ։ Կ֊ն քիչ էր մնում փակեր դուռը, Լեննին ոտքով բաց պահեց դռան փեղկը, բռնեց նրա թևից, փորձեց ետ քաշել, բայց Կ֊ն այնպես ուժեղ սեղմեց նրա դաստատկը, որ աղջիկը ստիպված էր տնքոցով բաց թողնել։ Անմիջապես սենյակ մտնել նա չհամարձակվեց, իսկ Կ֊ն բանալիով փակեց դուռը։
― Ես արդեն բավական երկար եմ սպասում Ձեզ։― Պառկած տեղից խոսեց փաստաբանը։ Նա կողքի փոքր սեղանին դրեց ձեռքի թուղթը, որ կարդում էր մոմի լույսի տակ պահած, ակնոցը դրեց աչքերին և սուր հայացքով նայեց Կ֊ին։
― Ես քիչ հետո կգնամ։― Ներողություն խնդրելու փոխարեն ասաց Կ֊ն։ Որովհետև նրա խոսքերը ներողություն չէին հայցում, փաստաբանը ուշադրություն չդարձրեց դրանց վրա։
― Հաջորդ անգամ ուշ ժամի էլ չեմ ընդունի։
― Դա համապատասխանում է իմ ցանկությանը։― Փաստաբանը հարցական հայացքով նայեց Կ֊ին։
― Նստեք,― առաջարկեց նա։
― Միայն՝ որովհետև Դուք եք այդպես կամենում։― Կ֊ն բազկաթոռը մոտեցրեց սեղանիկին ու նստեց։
― Ինձ թվաց, թե Դուք փակեցիք դուռը։
― Այո։ Լեննիի պատճառով։― Նա չէր ուզում ոչ մեկին խնայել։
― Նորից աներեսությո՞ւն էր անում,― հարցրեց փաստաբանը։
― Աներեսությո՞ւն։
― Այո։― Փաստաբանը ծիծաղեց։ Նրա մոտ հազի նոպա սկսվեց, և, երբ անցավ, նա նորից սկսեց ծիծաղել։― Դուք հավանաբար արդեն նկատե՞լ եք նրա աներեսությունը,― հարցրեց նա և թփթփացրեց Կ֊ի ձեռքին, որ վերջինս էր ցրված հենել մահճասեղանին և որն հետո արագ քաշեց։― Դուք մեծ նշանակություն չեք տալիս դրան։― Խոսեց փաստաբանը։ Կ֊ն դեռ լռում էր։ ― Ավելի լավ։ Հակառակ դեպքում ես ստիպված կլինեի ներողություն խնդրել Ձեզնից։ Դա Լեննիի տարօրինակություններից մեկն է, որ ես, ի դեպ, վաղուց եմ ներել և որի մասին չէի էլ խոսի, եթե քիչ առաջ չփակեիք դուռը։ Լեննիի այդ տարօրինակությունը ե՛ս չէ, որ պետք է բացատրեմ Ձեզ։ Սակայն Դուք շփոթված եք երևում, և ես ստիպված եմ։ Տարօրինակությունն այն է, որ Լեննին մեղադրյալների մեծ մասին գեղեցիկ է համարում։ Նա բոլորից կախ է ընկնում, բոլորին սիրում է և, կարծեք թե, սիրվում էլ է բոլորի կողմից։ Ինձ զբաղեցնելու համար, հետո՝ երբ թույլ եմ տալիս, երբեմն պատմում է դրանք։ Դա ինձ այնքան չի զարմացնում, ինչպես այժմ՝ Ձեզ։ Եթե մարդ իսկապես հասկանում է, թե ինչ է կատարվում, ապա իրոք գեղեցիկ է համարում մեղադրյալին։ Այդ երևույթը, ի դեպ, զարմանալի է և ինչ֊որ չափով նաև բնագիտական։ Մեղադրանքն, ինչ խոսք, արտաքին հստակ, ճշգրիտ բնութագրման ենթակա փոփոխության պատճառ չի դառնում։ Այս դատը, ախր, դատական մյուս գործերի նման չէ, երբ մարդկանց մեծ մասը բոլոր հարցերի մասին հոգ տանող փաստաբան գտնելով, իր սովորական ապրելակերպին է մնում և այնքան էլ չի տուժում։ Դատարանի գործերին քաջածանոթ մարդիկ կարող են նույնիսկ մեծ բազմության միջից մեկ առ մեկ ջոկել մեղադրյալներին։ Ինչպե՞ս, կհարցնեք Դուք։ Պատասխանը երևի չգոհացնի Ձեզ։ Բանն այն է, որ մեղադրյալները նրանց մեջ ամենագեղեցիկներն են։ Մե՛ղքը չէ նրանց գեղեցկացնողը։ Գոնե ես՝ որպես փաստաբան, պետք է խոստովանեմ, որ ոչ բոլորն են մեղավոր, և արդարացի պատիժը չէ, որ գեղեցկացնում է նրանց, որովհետև ոչ բոլորն են պատժվում։ Ուրեմն, միայն նրանց դեմ հարուցված գործն է ինչ֊որ կերպ առանձնացնում նրանց։ Համենայնդպես, գեղեցիկների մեջ ընդգծված գեղեցիկներ էլ կան, մինչդեռ բոլորն են գեղեցիկ։ Նույնիսկ Բլոկը՝ այդ թշվառ ճիճուն։
Երբ փաստաբանը վերջացրեց, Կ֊ն արդեն լրիվ վերագտել էր ինքնատիրապետումը։ Նա նույնիսկ սկսել էր աչք ծակելու աստիճան հստակ գլխով անել փաստաբանի բառերին և դրանով իսկ հանգել էր այն հին տեսակետի հաստատմանը, որ փաստաբանը միշտ, այս անգամ նույնպես, գործին չառնչվող ընդհանուր տեղեկություններով փորձում է շեղել ամենակարևոր հարցից․ իրականում ի՞նչ է արել գործի համար։ Փաստաբանը հասկացավ, որ Կ֊ն այս անգամ սովորականից ավելի է դիմադրում և նրան խոսելու հնարավորություն տալու համար լռեց, բայց որովհետև Կ֊ն չէր խոսում, ինքը հարցրեց․
― Դուք այսօր որևէ կոնկրետ մտադրությա՞մբ եք եկել։
― Այո։― Փաստաբանին ավելի լավ տեսնելու համար Կ֊ն ձեռքի ափը թեթևակի պահեց մոմի դիմաց։― Ես ուզում եմ ասել, որ այսօրվանից հրաժարվում եմ Ձեր պաշտպանությունից։
― Ես ճի՞շտ եմ հասկանում Ձեզ։― Փաստաբանը կիսանստեց անկողմնում և մի ձեռքով հենվեց բարձին։
― Կարծում եմ։― Կ֊ն նստել էր դարանակալածի պես լարված։
― Դե, մենք կարող ենք այդ ծրագիրը քննարկել։― Քիչ անց ասաց փաստաբանը։
― Դա այլևս ծրագիր չէ։
― Թեկուզ։ Ոչ մի հարցում չպետք է շտապենք։― Նա հոգնակիով էր խոսում, կարծես մտադիր չէր Կ֊ին բաց թողնել և ցանկություն ուներ՝ եթե չկարողանար նրա ներկայացուցիչը լինել, գոնե խորհրդատուն մնալ։
― Շտապողականություն չկա։― Կ֊ն դանդաղ ոտքի կանգնեց ու անցավ իր բազկաթոռի թիկունքը։― Ես լավ եմ կշռադատել, նույնիսկ երևի շատ երկար։ Վճիռը վերջնական է։
― Այդ դեպքում ինձ էլ թույլ տվեք որոշ բաներ ասել։― Փաստաբանը վրայից նետեց վերմակն ու նստեց մահճակալի եզրին։ Նրա մերկ, սպիտակամազ ոտքերը դողում էին մրսելուց։ Նա Կ֊ին խնդրեց մի ծածկոց տալ բազմոցի վրայից։ Կ֊ն բերեց ծածկոցը և ասաց․
― Դուք կարող եք ավելորդ տեղը մրսել։
― Պատճառը բավական կարևոր է։― Ոտքերը ծածկոցի մեջ փաթաթելով և վերմակը ուսերին գցելով, առարկեց փաստաբանը։― Ձեր քեռին իմ ընկերն է, և Դուք էլ ժամանակի ընթացքում սիրելի դարձաք ինձ։ Ես անկեղծորեն խոստովանումեմ դա և ամաչելու կարիք չունեմ։
Ծերունու սրտառուչ խոսքերը Կ֊ին այնքան էլ դուր չեկան, որովհետև ավելի պարզ բացատրության էին մղում։ Կ֊ն հաճույքով կուզենար խուսափել դրանցից և ստիպված էր անկեղծորեն խոստովանել ինքնիրեն, որ եթե դրանք չկարողանային էլ որոշումը չեղյալ դարձնել, ապա սաստիկ շփոթեցնում էին։
― Շնորհակալություն Ձեր բարեկամական տրամադրվածության համար,― ասաց նա։― Ես ընդունում եմ նաև, որ Դուք, որքան որ հնարավորություն եք ունեցել և որքանով որ դա ինձ համար ձեռնտու եք համարել, ձեռնամուխ եք եղել գործին, բայց ես վերջերս այն համոզմանն եմ հանգել, որ այդքանը բավական չէ։ Իհարկե, ես երբեք չեմ փորձի Ձեզ նման տարիքն առած և փորձված մարդուն իմ տեսակետների ճշմարտացիության մեջ համոզել, ու եթե երբևէ ակամա փորձել եմ, ապա ներեցեք ինձ, բայց, ինչպես Դուք արտահայտվեցիք, գործը բավական կարևոր է և, ըստ իս՝ անհրաժեշտ է այժմվանից ավելի մեծ եռանդով ձեռք զարնել իմ դատավարությանը։
― Հասկանում եմ Ձեզ։ Չեք համբերում։
― Ես անհամբեր չեմ։― Փոքր֊ինչ գրգռված ձայնով առարկեց Կ֊ն, և դադարեց այլևս առաջվա նման ուշադրություն դարձնել բառերին։― Իմ առաջին այցելության ժամանակ, երբ քեռուս հետ Ձեզ մոտ եկանք, կարող էիք նկատած լինել, որ դատն ինձ համար այնքան էլ կարևոր չէր, և եթե ինձ ինչ֊որ տեղ բռնի կերպով չհիշեցնեին այդ մասին, ես լրիվ մոռացության կտայի։ Սակայն իմ քեռին պնդեց, որ պաշտպանությունը Ձեզ վստահեմ, և ես՝ ի սեր նրա, համաձայնեցի։ Այժմ պարտավոր էի ակնկալել, որ դատավարությունը ավելի հեշտ է ընթանալու, քան մինչև Ձեզ դիմելը՝ որովհետև միայն դատի ծանրությունը փոքր֊ինչ թոթափելու համար են պաշտպանությունը փաստաբանին հանձնում, մինչդեռ հակառակ բանը կատարվեց։ Նախկինում ես երբեք այդքան չէի անհանգստացել իմ դատավարության պատճառով, որքան Ձեր՝ գործի պաշտպանությունը ստանձնելուց հետո։ Երբ ես մենակ էի, գործի կապակցությամբ ոչինչ չէի ձեռնարկում, բայցև հազիվ թե զգում էի դրա անհրաժեշտությունը։ Այժմ դատապաշտպան ունեմ, մի բան անելու համար ամեն ինչ պատրաստ է, շարունակ և ավելի լարված սպասում եմ Ձեր միջամտելուն, սակայն դա բացակայում է։ Թերևս պետք է ասել, որ դատի մասին մի քանի տեղեկություններ իմացել եմ Ձեզանից, և գուցե ուրիշ ոչ մեկը ինձ չվստահեր դրանք, բայց երբ դատավարությունը ավելի է ծածուկ մոտենում ինձ, դա չի կարող գոհացնել։― Կ֊ն դիմացից հրեց բազկաթոռն ու կանգնեց ուղիղ, ձեռքերը պիջակի գրպաններում դրած։
― Գործնական մի քանի ձեռնարկումներից հետո որոշ ժամանակ ոչ մի նոր բան չի կատարվում,― մեղմ ու հանգիստ ասաց փաստաբանը։― Քանի֊քանի մարդ է դատավարության նույն էտապում կանգնել ու խոսել այդպես։
― Նշանակում է, բոլորն էլ նույնքան իրավացի են եղել, որքան՝ ես։ Դա բնավ չի հերքում իմ տեսակետը։
― Ես չուզեցի հերքել Ձեզ, այլ ցանկացա ավելացնել միայն, որ Ձեզանից ավելի ողջախոհ վերաբերմունք էի սպասում, քան մյուսներից։ Առավել ևս, որ դատարանի էության ու իմ գոծունեության մասին Ձեզ ավելի շատ բան եմ պատմել, քան մյուսներին։ Մինչդեռ այժմ պետք է տեսնեմ, որ չնայած ամեն ինչին, Դուք հարկ եղածի չափ չեք վստահում ինձ, դժվարացնում եք իմ գործը։
Այս հարցում ամենախոցելի բանը՝ մասնագիտական պատիվը հաշվի չառնելով, ինչպես էր փաստաբանը նվաստանում Կ֊ի դիմաց։ Եվ ինչո՞ւ էր այդպես վարվում։ Նա՝ ինչպես երևում էր, ծանրաբեռնված փաստաբան էր, և ի լրումն դրա՝ հարուստ։ Իհարկե, ոչ պաշտպանության ընթացքը, ոչ էլ մի հայցվորի կորուստը չէր կարող այդքան կարևոր լինել նրա համար, դրանից բացի, նա տկար էր, երևի մի բան էլ պետք է մտածեր աշխատանքն իր վրայից վերցնել տալու մասին, մինչդեռ ամուր պահել էր ուզում Կ֊ին։ Պատճառը անձամբ քեռու միջամտությո՞ւնն էր, թե՞ նա այդ աստիճան արտառոց էր համարում Կ֊ի գործը և հույս ուներ աչքի ընկնել դրանով․ կամ Կ֊ի մոտ, կամ (որ նույնպես բացառված չէր)՝ դատարանի ընկերների։ Նրա տեսքից՝ ինչքան էլ Կ֊ն առանց քաշվելու նայեր, հնարավոր չէր ոչինչ կռահել, նույնիսկ կարելի էր ենթադրել, թե դեմքի արտահայտությունը կեղծելով՝ սպասում է խոսքերի թողած ազդեցությանը։ Կ֊ի լռությունը նա երևի չափազանց նպաստավոր համարեց իր համար, որովհետև շարունակեց խոսել։
― Դուք պետք է նկատած լինեիք, որ թեև մեծ գրասենյակ ունեմ, բայց ոչ մի օգնական չեմ պահում։ Նախկինում այլ էր։ Ժամանակ կար, որ մի քանի երիտասարդ իրավաբաններ էին աշխատում ինձ համար։ Այսօր ես մենակ եմ։ Մասամբ իմ իրավաբանական գործունեության փոփոխության պատճառով՝ երբ ավելի շատ սկսեցի զբաղվել Ձեր գործի բնույթի՝ գործերով, մասամբ՝ այդ գործերից ստացած ավելի խոր ճանաչողության ու գիտակցության։ Ես գտա, որ եթե չեմ ուզում իմ հայցվորների ու ստանձնած առաջադրանքի հանդեպ մեղանչել, ապա այդ աշխատանքը ուրիշ որևէ մեկին թողնելու իրավունք չունեմ։ Իսկ բոլոր գործերը անձամբ վարելու որոշումը բերեց, իհարկե, իր բնական հետևանքները․ ես ստիպված էի պաշտպանությունն ստանձնելու վերաբերյալ բոլոր խնդրանքները մերժել և կարող էի ընդունել միայն ավելի սրտամոտ գործերը։ Չափից դուրս շատ թափթփուկ փաստաբաններ կային (նույնիսկ բավական մտերիմ), որ իմ դեն նստած ամեն մի փշրանքին վրա էին պրծնում։ Ես գերլարումից հիվանդացա, բայց՝ չնայած դրան, չեմ զղջում իմ որոշման համար։ Միգուցե պետք է ավելի շատ գործերից հրաժարված լինեի, քան իրականում հրաժարվել էի, բայց որ ստանձնած գործերին ամբողջովին նվիրվելը անպայման անհրաժեշտ էր՝ շուտով պարզ դարձավ, և հաջողությունները դրա վարձատրություններն էին։ Մի անգամ փաստաթղթերից մեկում այս և մյուս բնույթի դատական գործերի պաշտպանության միջև եղած տարբերությունը բնորոշ շատ գեղեցիկ արտահայտություն կարդացի։ Այնտեղ ասվում էր․ փաստաբանը՝ կոճի թելից բռնած, մեղադրյալին մինչև դատավճիռն է հասցնում, մինչդեռ մյուս դեպքում մեղադրյալին վերցնում է ուսերին և առանց իջեցնելու տանում է մինչև դատավճիռ ու մի բան էլ այն կողմ։ Իրոք այդպես է։ Սակայն այնքան էլ ճիշտ չէր, երբ ասացի, թե երբեք չեմ զղջացել այս մեծածավալ աշխատանքի համար։ Երբ չարչարանքս՝ Ձեր գործի նման, չի գնահատվում, այդ դեպքում, դե այդ դեպքում ես համարյա թե զղջում եմ։
Այս խոսքերն ավելի անհամբեր դարձրին Կ֊ին, քան համոզեցին որևէ բանում։ Փաստաբանին ականջ դնելիս նրան թվաց, թե խոսակցի ձայնի մեջ նշմարեց այն, ինչ կկատարվեր իր հետ, եթե զիջեր հանկարծ․ կրկին կսկսվեին հուսադրումները, խնդրագրի աշխատանքների առաջ ընթանալու և դատարանի պաշտոնյաների՝ գնալով ավելի լավ տրամադրվածության, ինչպես նաև նորից ի հայտ կգային գործի ընթացքը դժվարացնող մեծ խոչընդոտների հետ կապված փաստարկները։ Կարճ ասած, փաստարբանը կթարմացներ զզվանք հարուցելու աստիճան ծանոթ պատմությունները, որ անորոշ հույսերով ու վտանգներով նորից խաբեր ու տանջեր Կ֊ին։ Պետք էր վերջնականապես դրա դեմն առնել։
― Իմ գործի համար ի՞նչ կձեռնարկեք, եթե պաշտպանությունը Ձեզ թողնեմ։― Փաստաբանը նույնիսկ այս վիրավորական հարցի հետ համակերպվեց։
― Կշարունակեմ արդեն ձեռնարկածս աշխատանքները։
― Այդպես էլ գիտեի, սակայն խոսելն ավելորդ է արդեն։
― Ես մի անգամ ևս կփորձեմ։― Փաստաբանի խոսելու տոնից կարելի էր կարծել, թե Կ֊ին անհանգստացնող պատմությունը ոչ թե Կ֊ի, այլ իր հետ է կատարվում։― Ես ենթադրում եմ, որ այն հանգամանքը, որ թեև Դուք մեղադրյալ եք, բայց Ձեզ հետ լավ են վարվում կամ, ավելի ճիշտ, անուշադիր են՝ արտաքնապես անուշադիր են Ձեր հանդեպ, իմ իրավախորհրդատվության մասին սխալ կարծիք կազմելուն է գայթակղում և պայմանավորում է Ձեր առօրյա վարքը։ Անուշադիր վերաբերմունքը ևս իր պատճառն ունի․ հաճախ շատ ավելի լավ է լինել շղթայված, քան ազատ։ Բայց ես կուզենայի ցույց տալ, թե ինչպես են վարվում մյուս մեղադրյալների հետ․ գուցե Ձեզ հաջողվի որևէ խրատ քաղել։ Հիմա ես Բլոկին կկնաչեմ։ Բացեք դուռը և նստեք մահճակալի մոտ։
― Հաճույքով։― Փաստաբանի խոսքին հետևելով, ասաց Կ֊ն․ նա միշտ պատրաստ էր սովորել։ Համենայնդպես, ինքիրեն ապահովագրելու համար հարցրեց։― Սակայն Դուք ի գիտություն ընդունեցի՞ք, որ պաշտպանությունը վերցնում եմ Ձեզնից։
― Այո։ Կարող եք հենց այսօրվանից չեղյալ համարել։― Փաստաբանը նորից պառկեց, վերմակը քաշեց մինչև կզակը, շուռ եկավ պատի կողմը և զանգեց։
Զանգը հնչելու հետ համարյա միաժամանակ հայտնվեց Լեննին, հայացքը արագ շրջելով փորձեց հասկանալ կատարվածը, երբ տեսավ մահճակալի մոտ հանգիստ նստած, իրեն նայող Կ֊ին, հանգստացավ կարծես և ժպտալով գլխով արեց։
― Բլոկին բեր,― ասաց փաստաբանը։ Վաճառականի հետևից գնալու փոխարեն Լեննին դռանը մոտեցավ։
― Բլո՛կ, փաստաբանի մոտ,― կանչեց նա և, հավանաբար օգտվելով առիթից, որ դոկտոր Հուլդը շարունակ դեպի պատն էր շրջված, ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնում, սահեց Կ֊ի բազկաթոռի թիկունքը։ Այդ պահից սկսած նա խանգարում էր Կ֊ին․ խոնարհվել էր բազկաթոռի թիկնակին և մատները զգույշ ու քնքշորեն սահեցնում էր նրա մազերի միջոց կամ այտերն էր շոյում։ Ի վերջո Կ֊ն փորձեց խանգարել ու բռնեց Լեննիի մի ձեռքը։ Մի քիչ դիմադրելուց հետո վերջինս հանգիստ թողեց ձեռքը։
Կանչի հետ իսկույն հայտնվեց Բլոկը, սակայն մնաց դռան մոտ կանգնած և կարծես մտորում էր, թե արդյոք պե՞տք է ներս մտնել։ Նա բարձրացրեց հոնքերը, թեքեց գլուխը, երևի լարել էր լսողությունը․ փաստաբանի մոտ մտնելու հրամանը կկրկնվի՞։ Կ֊ն կարևող էր քաջալերել նրան, ներս կանչել, սակայն որոշել էր ոչ միայն փաստաբանի, այլ նաև նրա տան հետ առնվչող ամեն ինչի հետ վերջնականապես խզել կապերը․ այդ պատճառով նա չշարժվեց տեղից։ Լեննին էլ էր լռում։ Բլոկը նկատեց, որ գոնե չեն քշում իրեն և ոտնաթաթերի վրա ներս մտավ․ դեմքը լարված էր, ձեռքերը ջղաձգորեն դրել էր մեջքին, հնարավոր նահանջն ապահովելու համար դուռը բաց թողեց։ Նա բնավ չնայեց Կ֊ի կողմը, նրա հայացքը շարունակ ուղղված էր բարձր վերմակին, որի տակ փաստավանը՝ որովհետև շատ մոտ էր պառկել պատին, չէր երևում։ Միայն ձայնը լսվեց։
― Բլոնկն այստե՞ղ է։― Հարցը կարծես նախ խփեց ահագին տարածություն առաջ եկած Բլոկի կրծքին, հետո՝ մեջքին։ Նա երերաց, խորը կռացած կանգնեց և ասաց․
― Ճիշտ այդպես։
― Ի՞նչ ես ուզում։ Դու անպատեհ ժամի ես եկել։
― Ինձ չկանչեցի՞ն։― Ավելի շուտ ինքնիրեն, քան փաստաբանին հարցրեց Բլոկը։ Նա՝ կարծես պաշտպանվելու համար, ձեռքերը պահել էր դիմացը և պատրաստ էր փախչել։
― Կանչեցին,― ասաց փաստաբանը։― Բայց քո գալն անպատեհ է։ Դու միշտ անպատեհ ժամի ես գալիս։― Կարճատև դարդարից հետո ավելացրեց նա։
Երբ փաստաբանը սկսեց խոսել, Բլոկն այլևս չէր նայում մահճակալի կողմը, այլ ավելի շուտ աչքերը հառել էր անկյանը՝ ինչ֊որ տեղ, և միայն ականջ էր դնում (կարծես դիմացինի հայացքը կուրացնող էր, և ինքը չէր կարողանա դիմանալ դրան)։ Բայց ականջ դնելը նույնպես դժվար էր, որովհետև դեմքով դեպի պատը շրջված փաստաբանը ցածրաձայն ու արագ էր խոսում։
― Ուզում եք, որ գնա՞մ։
― Դե արդեն եկել ես, մնա,― ասաց փաստաբանը։ Կարելի էր կարծել, թե նա ոչ թե Բլոկի ցանկությունը կատարեց, այլ ծեծել սպառնաց․ Բլոկն իսկույն սկսեց դողացնել։― Մնա։ Երեկ ես իմ ընկերոջ՝ երրորդ դատավորի մոտ էր և խոսակցությունն աստիճանաբար քո կողմը թեքեցի։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ ասաց նա։
― Խնդրում եմ։― Որովհետև փաստաբանը անմիջապես չշարունակեց, Բլոկը մի անգամ ևս կրկնեց խնդրանքը և կռացավ, կարծես ծնկի գալ էր ուզում։
― Այդ ի՞նչ ես անում,― բացականչեց Կ֊ն։ Լեննին փորձեց խանգարել Կ֊ին, սակայն Կ֊ն նրա երկրորդ ձեռքն էլ բռնեց․ այդ ձեռքսեղմումը սիրո դրսևորում չէր, Լեննին ավելի շուտ տնքում էր և փորձում ազատել ձեռքերը։ Բլոկը, սակայն, պատժվեց Կ֊ի բացականչության համար, որովհետև փաստաբանը հարցրեց նրան․
― Ո՞վ է քո դատապաշտպանը։
― Դուք։
― Ինձնից բացի՞։
― Ձեզնից բացի՝ ոչ ոք։
― Այդ դեպքում ուրիշ ոչ ոքի էլ մի հետևիր,― ասաց փաստաբանը։ Բլոկը հասկացավ, թե ինչ է տեղի ունեցել, սուր հայացքներով չափեց Կ֊ին և ուժեղ թափ տվեց գլուխը։ Եթե նրա գլխի տատանումները խոսքերի վերածելիս լինեին, կոպիտ հայհոյանքներ կստացվեին։ Եվ այդ մարդու հե՞տ էր Կ֊ն ուզում մտերմաբար զրուցել անձնական գործերի մասին։
― Այլևս չեմ խանգարի։― Բազկաթոռի մեջ ետ ընկնելով ասաց Կ֊ն։― Ուզում ես ծնկի եկ, ուզում ես չորեքթաթ սողա։ Ուշադրություն չեմ դարձնի բոլորովին։
Վաճառակաը ձգտում էր գոնե Կ֊ի մոտ իր պատիվը պահել․ բռունցքները թափ տալով նրա կողմը գնաց և, ինչքան որ փաստաբանի ներկայությամբ էր համարձակվում, բարձրաձայն փնթփնթաց․
― Դուք ինձ հետ այդպես խոսելու իրավունք չունեք։ Ես թույլ չեմ տա։ Ինչո՞ւ եք վիրավորում ինձ և այն էլ այստեղ՝ պարոն փաստաբանի ներկայությամբ, ուր մենք՝ երկուսս էլ, միայն շնորհիվ նրա բարեսրտության ենք ներկա։ Դուք ինձնից ավելի լավ մարդ չեք, որովհետև մենք երկուսս էլ մեղադրյալ ենք և դատ ունենք։ Եթե չնայած այդ ամենին Դուք դեռ պարոն եք զգում Ձեզ, ապա ես էլ եմ պարոն և իհարկե, եթե ոչ շատ ավելի մեծ։ Եվ ես ուզում եմ, որ ինձ հետ որպես այդպիսի մարդու հետ խոսեն, և առաջին հերթին՝ Դուք։ Իսկ եթե այն հանգամանքը, որ Դուք նստած եք, իսկ ես՝ ինչպես ինքներդ արտահայտվեցիք, չորեքթաթ եմ սողում, առավելություն եք համարում, ապա դատարանային մի հին առած հիշեցնեմ Ձեզ․ «Կասկածի տակ գտնվող անձի համար շարժվելն ավելի լավ է, քան դադարը, որովհետև նա, ով հանգստանում է, միշտ էլ աննկատ կհայտնվի կշեռքի նժարին և նրան կարող են կշռել մեղքերի հետ մեկտեղ»։
Կ֊ն ոչինչ չասաց, միայն աչքերը հառեց այդ հոգեխռով մարդուն։ Ի՜նչ փոփոխություններ տեղի ունեցան նրա հետ հենց միայն այս վերջին ժամվա ընթացքում։ Դատավարությո՞ւնն էր նրան աջուձախ շպրտում ու հնարավորություն չէր տալիս կողմնորոշվել, թե որտեղ է բարեկամը, որտեղ՝ թշնամին։ Արդյոք չէ՞ր կռահում, որ փաստաբանը նվաստացնում է դիտավորյալ, որ այս անգամ Կ֊ին հնազանդեցնելուց բացի, ուրիշ ոչ մի մտադրություն չունի։ Սակայն, եթե Բլոկն անկարող էր այդ բանն հասկանալ կամ եթե այնքան էր վախենում փաստաբանից, որ հասկանալն անգամ չէր կարող օգնել նրան, ինչպե՞ս եղավ, որ այդքան խորամանկ կամ խելամիտ գտնվեց ու խաբեց փաստաբանին, ասաց, թե ուրիշ ոչ մի դատապաշտպան չի աշխատում իր համար։ Ինչպե՞ս համարձակվեց հարձակվել Կ֊ի վրա, երբ վերջինս իսկույն կարող էր նրա սուտը մերկացնել։ Բայց Բլոկը համարձակվեց նույնիսկ ավելին անել․ մոտեցավ մահճակալին և սկսեց գանգատվել Կ֊ից։
― Պարոն փաստաբան,― ասաց նա։― Լսեցի՞ք, թե այս մարդը ինչպես էր խոսում ինձ հետ։ Նրա դատավարությունն սկսելու ժամերը կարելի է մատերի վրա հաշվել, բայց արդեն ուզում է ինձ, որ արդեն հինգ տարի դատի մեջ եմ, խրատներ տալ։ Նա նույնիսկ հայհոյում է ինձ։ Ոչինչ չգիտե և վիրավորում է ինձ, մի մարդու, որ թեև թույլ է, բայց ուժերի ներածի չափ ուսումնասիրում է այն, ինչ պարտքը, պատշաճությունն ու դատարանի սովորույթներն են պահանջում։
― Ոչ մեկի վրա ուշադրություն մի դարձրու և վարվիր՝ ինչպես ինքդ ես ճիշտ համարում,― ասաց փաստաբանը։
― Իհարկե։― Բլոկն այնպես խոսեց, կարծես թե ինքնիրեն էր քաջալերում և, փաստաբանի թռուցիկ հայացքի տակ, կիպ մահճակալի մոտ, ծնկի իջավ։
― Ես արդեն ծնկի եմ եկել, փաստաբան իմ,― ասաց նա, սակայն փաստաբանը լռում էր։ Բլոկի մի ձեռքը զգուշորեն շոյում էր փետրաներքնակը։ Վրա հասած լռության մեջ ձեռքերն ազատելով, Լեննին ասաց․
― Դու ցավեցնում ես։ Թո՛ղ, ես Բլոկի մոտ եմ գնում։― Նա մոտեցավ ու նստեց մահճակալի եզրին։ Բլոկը շատ ուրախացավ Լեննիի գալու համար և անձայն, բայց աշխույժ նշաններով անմիջապես խնդրեց միջներդել փաստաբանի մոտ։ Պարզ երևում է, որ փաստաբանից մի բան իմանալը նրան շատ էր անհրաժեշտ, սակայն երևի մյուս՝ աղմկարարների կողմից կիրառելի դարձնելու նպատակով միայն։ Լեննին հավանաբար գիտեր, թե դոկտոր Հուլդի հետ ինչպես կարելի է վարվել․ նա ցույց տվեց փաստաբանի ձեռքը և շուրթերով համբուրելու նշան արեց։ Բլոկն իսկույն համբուրեց, Լեննիի պահանջով ևս երկու անգամ կրկնեց համբույրը, սակայն փաստաբանը շարունակ լռում էր։ Այդ ժամանակ Լեննին կռացավ փաստաբանի վրա (երբ արդեն ձգվեց, նրա գեղեցիկ մարմինը հստակ գծագրվեց) և փաստաբանի դեմքին լավ խոնարհված՝ շոյեց նրա սպիտակ, երկար մազերը․ դա փաստաբանին ստիպեց խոսել։
― Ես վարանում եմ հայտնել նրան,― ասաց նա և երևաց, թե ինչպես՝ հավանաբար Լեննիի գգվանքից ավելի երկար օգտվելու համար, թեթևակի թափ տվեց գլուխը։ Բլոկը գլուխը կախ գցած ականջ էր դնում, և դա այն տպավորությունն էր թողնում, թե հենց միայն ականջ դնելով որևէ պատվիրան է խախտում։
― Իսկ ինչո՞ւ ես վարանում,― հարցրեց Լեննին։ Կ֊ին թվաց, թե արդեն բազմիցս կրկնված, դեռ բազմաթիվ անգամ կրկնվելու ենթակա և միայն Բլոկի համար թարմությունը չկորցրած, անգիր արված երկխոսություն է լսում։
― Այսօր իրեն ինչպե՞ս էր պահում։― Պատասխանելու փոխարեն հարցրեց փաստաբանը։ Նախքան պատմելը Լեննին նայեց ներքև՝ Բլոկի կողմը, և մի կարճ պահ զննում էր իրար քսվող ձեռքերը թախանձագին վեր պարզած վաճառականին։ Ի վերջո, նա լուրջ դեմքով գլխով արեց և շրջվեց փաստաբանի կողմը։
― Հանգիստ էր, ջանասեր։
Տարեց վաճառականը, երկար մորուքով մարդը ջահել աղջկանից նպաստավոր վկայություն էր աղերսում։ Թող նա այդպես վարվելով նաև հետին մտքեր ունենար, միևնույն է, ոչինչ չէր արող արդարացնել նրան կողին նստած մարդու աչքերում։ Կ֊ն չէր հասկանում․ ինչպե՞ս կարող էր փաստաբանը մտածել, թե այդ ներկայացումով կարող է գրավել իրեն։ Եթե ինքը պաշտպանությունը քիչ առաջ չեղյալ համարած չլիներ, ապա հենց այս տեսարանով փաստաբանը կհասցներ դրան։ նա համարյա վիրավորում էր ներկա գտնվողի արժանապատվությունը։ Ուրեմն, փաստաբանի մեթոդը այդպիսի ազդեցություն էր թողնում, որ պաշտպանություն հայցող այցելուն մոռանում էր շրջակա աշխարհը, հույս էր տածում, թե նման խոտոր ճանապարհով մինչև դատավարության ավարտը քարշ կգա։ Լավ է, որ Կ֊ն բավական երկար չէր ենթարկվել նման տեսարանների տհաճությանը։ Այդ հայցվորը հայցվոր չէր այլևս, այլ փաստաբանի շունն էր։ Եթե սա հրամայեր շան նման մտնել մահճակալի տակ՝ ինչպես շունն էր իր տնակը մտնում, և այնտեղից հաչել, այս մարդը կաներ հաճույքով։ Կ֊ն կարծես այստեղ խոսվող ամեն բան մաս առ մաս մտապահելու, տեղեկագիր կազմելու, մի ավելի բարձր տեղ զեկուցագիր ներկայացնելու առաջադրանք ուներ․ քննախույզ և մտախոհ լսում էր։
― Օրվա ընթացքում ի՞նչ է արել։
― Ես նրան աղախնի սենյակում էի փակել, որ չխանգարի ինձ աշխատել։ Նա սովորաբար այնտեղ է մնում։ Դիտանցքի միջով ժամանակ առ ժամանակ կարող էի հետևել, թե ինչ է անում։ Քո տված թղթերը բացել֊դրել էր պատուհանագոգին և, մահճակալի վրա ծնկի եկած՝ անընդհատ կարդում էր։ Դա լավ տպավորություն թողեց ինձ վրա․ պատուհանը օդափոխման փոսի մեջ է բացվում, և լույսը շատ քիչ էր, բայց որ Բլոկը՝ չնայած դրան, կարդում էր, ցույց էր տալիս, թե որքան հնազանդ է նա։
― Ուրախ եմ նման բան լսելու համար, բայց արդյոք նա ըմբռնո՞ւմ էր կարդացածը։
Խոսակցության ընթացքում Բլոկն անդադար շարժում էր շուրթերը։ Նա ակներևաբար ձևակերպում էր այն պատասխանը, որ Լեննիից էր ակնկալում։
― Այդ հարցին, իհարկե, հաստատ պատասխանել չեմ կարող։ Համենայնդեպս, տեսա, որ խորասուզված կարդում էր։ Ողջ օրը նույն թերթն էր կարդում ու դեռ մի բան էլ մատը տողերի վրայով էր տանում։ Միշտ, երբ նայում էի, նա հառաչում էր, կարծես ընթերցանությունը մեծ չարչարանք էր պատճառում նրան։ Քո տված թղթերը երևի դժվար հասկանալի էին։
― Այո, դրանք դժվար հասկանալի են։ Այնուամենայնիվ, ես չեմ հավատում, որ նա դրանցից որևէ բան հասկացած լինի։ Դրանք միայն պետք է հասկացնեին, թե որքան ծանր է նրա պաշտպանության համար իմ մղած պայքարը։ Եվ ո՞ւմ համար եմ այդպես դժվարությամբ պայքարում։ Նույնիսկ արտասանելն է ծիծաղելի․ Բլոկի։ Նա պետք է սովորի հասկանալ, թե ի՞նչ է նշանակում դա։ Նա առանց ընդմիջմա՞ն էր կարդում։
― Համարյա։ Միայն մի անգամ խմելու ջուր խնդրեց, և ես մի բաժակ տվեցի։ Հետո, ժամը ութին դուրս թողեցի և մի քիչ ուտելու բան տվեցի։
Բլոկի շեղ հայացքը սահեց Կ֊ի վրայով․ կարծես նրան փառաբանող ինչ֊որ բան էր պատմվում այստեղ և պետք է Կ֊ի վրա նույնպես տպավորություն թողներ։ Այժմ նա լավ հույսեր էր փայփայում, որովհետև ավելի անկաշկանդ էր շարժվում և ծնկների վրա այսուայնկողմ էր ճոճվում։ Նրա անկաշկանդությունը ավելի հստակ երևաց, երբ փաստաբանի հաջորդ բառերից քարացավ։
― Գովում ես նրան, և հենց դա է դժվարացնում իմ խոսելը։ Դատավորը շատ անբարենպաստ կարծիք հայտնեց նրա մասին։ Ինչպես նրա, այնպես էլ՝ դատի։
― Անբարենպա՞ստ,― հարցրեց Լեննին։― Ինչպե՞ս կարող է պատահել։― Բլոկն այնպես լարված հայացքով էր նայում սպասուհուն, կարծես դատավորի վաղուց արտահայտած մտքերը այժմ ի նպաստ իրեն շրջելու ունակ էր համարում աղջկան։
― Անբարենպաստ,― ասաց փաստաբանը։― Նա նույնիսկ տհաճ ապրումներ ունեցավ, երբ ես սկսեցի Բլոկի մասին խոսել։
― Նրա մասին մի խոսեք,― ասաց։
― Բայց նա իմ պաշտպանյալն է։
― Դուք թույլ եք տալիս, որ նա չարաշահի Ձեզ։
― Ես նրա գործը տանուլ տված չեմ համարում,― առարկեցի ես։
― Նա չարաշահում է Ձեզ,― կրկնեց դատավորը։
― Չեմ հավատում,― ասացի։― Դատավարության գործում Բլոկը ջանասեր է և միշտ հետևում է գործին։ Նա համարյա թե ինձ մոտ է բնակվում, որ շարունակ ընթացքին հետամուտ լինի։ Նման ջանք ու եռանդ ոչ միշտ է կարելի տեսենլ։ Իհարկե, նա տհաճ անձնավորություն է, կեղտոտ է, զզվելի վարվելաձևեր ունի, սակայն դատավարության տեսակետից անբասիր է։ Ես անբասիր ասացի, ես դիտմամբ չափազանցրի։ Ի պատասխան նա ասաց․
― Բլոկը պարզապես խորամանկ է։ Նա շատ փորձ է կուտակել և կարողանում է դիտավորյալ ձգձգել գործը։ Սակայն նրա անտեղյակությունն ավելի մեծ է, քան խորամանկությունը։ Ի պատասխան ի՞նչ կասի նա, եթե իմանա, որ իր դատավարությունը դեռ չի սկսվել, եթե լսի, որ դատավարության սկիզբն ազդարարող զանգն անգամ դեռ չի հնչել։ Հանգիստ, Բլոկ։― Սաստեց փաստաբանը, որովհետև Բլոկն իրոք սկսեց բարձրանալ ուժ չտվող ծնկների վրա և բացահայտորեն մտադիր էր ավելի լայն պարզաբանում խնդրել։ Հանգամանալից խոսելով, փաստաբանը, այս ընթացքում առաջին անգամ, ուղղակի դիմեց Բլոկին։ Նրա հոգնած աչքերը ոչ այն է անորոշ ուղղությամբ էին նայում, ոչ այն է ներքև՝ Բլոկին, որն այդ հայացքի տակ նորից դանդաղ ծնկի իջավ։
― Դատավորի ասած խոսքը քեզ համար ոչ մի նշանակություն չունի,― ասաց փաստաբանը։― Յուրաքանչյուր բառից մի սարսափիր։ Եթե նման բան կրկնվի, այլևս ոչինչ չեմ հայտնի քեզ։ Անհնար է որևէ մի նախադասություն սկսել, առանց այն բանի, որ դու ամեն անգամ չմտածես, թե հիմա վերջնական դատավճիռը կհնչի։ Գոնե իմ հայցվորից ամաչիր։ Դրանով դու նրա հանդեպ ունեցած իմ վստահությունը ևս խախտում ես։ Քեզ ի՞նչ է հարկավոր․ կենդանի ես ու դեռ իմ հովանավորության տակ ես ապրում։ Վախն ավելորդ է։ Ինչ֊որ տեղ կարդացել ես, թե որոշ դեպքերում վերջնական վճիռը անսպասելի է վրա հասնում, կարելի է ուզած ժամանակ, ուզած մարդուց իմանալ։ Մի քանի վերապահումներով, դա, համենայնպեդս, այդպես է, բայցև նույնքան ճիշտ է, որ քո վախը զզվեցնում է ինձ, և քո վախի մեջ անհրաժեշտ վստահության պակաս եմ տեսնում։ Ես ի՞նչ ասացի որ։ Միայն դատավորներից մեկի խոսքերը կրկնեցի։ Դու գիտես, տարբեր տեսակետներն այնպես խետ են օղակել հետաքննությունը, որ հնարավոր չէ դրանց խորքը թափանցել։ Այս դատավորն, օրինակ, հետաքննության սկիզբը մի այլ ժամանակահատվածից է վերցնում, ես՝ այլ։ Տարբեր կարծիքներ են և ուրիշ ոչինչ։ Դատավարության որոշակի մի շրջանում, ըստ հին ավանդույթի, նաև զանգը կհնչեցվի։ Այդ դատավորի կարծիքով, միայն դրանից հետո կսկսվի դատը։ Դրան դեմ խոսող բոլոր փաստերը ես հիմա չեմ կարող ասել քեզ․ մեկ է, չես հասկանա։ Բավական է իմանաս, որ դրան առարկող շատ փաստարկներ կան։
Մտախոհ Բլոկը մատներով խաղում էր մահճակալի մոտ գցված մորթու հետ։ Դատավորի խոսքերի պատճառով վախը նրան ստիպել էր առժամանակ մոռանալ փաստաբանի հանդեպ ունեցած հպատակության զգացումը։ Նա միայն մի բանի մասին էր մտածում և բոլոր կողմերից քննում էր դատավորի բառերը։
― Բլոկ,― զգուշացնող տոնով ասաց Լեննին և նրա պիջակի օձիքից բռնած, փոքր֊ինչ վեր քաշեց։― Այժմ հանգիստ թող մորթին ու լսիր փաստաբանին։
Այս գլուխն անավարտ է մնացել
Տաճարում
Կ֊ի հանձնարեցին արվեստի մի քանի հուշարձաններ ցույց տալ առաջին անգամ իրենց քաղաքը ժամանած, բանկի համար շատ կարևոր իտալացի պատվիրատուին։ Այդ հանձնարարությունը նա ուրիշ ժամանակ, ինչ խոսք, պատվաբեր կհամարեր, բայց այժմ, երբ միայն մեծ ջանքերի գնով էր կարողանում իր դիրքը պահպանել բանկում, ակամայից ընդունեց։ Գրասենակից հեռու ուղարկվելու ամեն մի ժամը նրան հոգս էր պատճառում։ Աշխատաժամանակը նա բնավ չէր կարողանում օգտագործել առաջվա պես։ Թեև ժամեր էին լինում, երբ մի կերպ ձևացնում էր, թե զբաղված է, բայց նրա մտատանջություններն առավել մեծ ճափերի էին հասնում, երբ գրասենյակից դուրս էր գտնվում։ Այդ պահերին նրան թվում էր, թե տեսնում է տնօրենի տեղակալին՝ ժամանակ առ ժամանակ իր աշխատասենյակը մտնելիս (վերջինս կարծես շարունակ դարան մտած լիներ), ինչպես էր նա նստում գրասեղանի մոտ, քրքրում թղթերը, ընդունում այն այցելուներին, որոնց հետ Կ֊ի տարիներ ի վեր ունեցած ծանոթությունը մտերմության էր վերածվել, նրանց իր կողմն էր գրավում, գուցե նաև սխալներ էր բացահայտում, որոնք թվում էր, թե այժմ՝ աշխատանքի ժամանակ, սպառում էին բոլոր կողմերից, և որոնցից նա չէր կարող խուսափել։ Դրանից հետո բավական էր թեկուզ այսպիսի առանձնահատուկ դեպքերի կապակցությամբ գործնական նպատակներ հետապնդող կամ հենց կարճատև ճամփորդության հետ կապված որևէ հանձնարարություն տային (նման հանձնարարությունները վերջերս շատացել էին պատահաբար), որ նա սկսեր ենթադրել, թե ուզում են կարճ ժամանակով գրասենակից հեռացնել իրեն, աշխատանքը վերստուգել են ուզում կամ, առնվազն, որ գրասենյակում իրեն արդեն փոխարինման ենթակա մարդ են համարում։ Նման առաջադրանքների մեծ մասը նա կկարողանար առանց դժվարության մերժել, բայց չէր համարձակվում, որովհետև եթե վախը նվազագույն չափով իսկ հիմնավորված լիներ, ապա առաջադրանքը մերժելը սեփական վախի խոստովանություն կնշանակեր։ Այդ պատճառով նա նման հանձնարարությունները թվացյալ անտարբերությամբ էր ընդունում և, երկօրյա հոգնացուցիչ ուղևորության գնալիս, նույնիսկ լռության մատնելուց լրջորեն մրսած լինելու հանգամանքը, որ, այդ օրերի աշնանային անձրևային եղանակը վկայակոչելով՝ ուղևորությունից ետ պահվելու վտանգին չենթարկեր իրեն։ Ուղևորությունից սարսափելի գլխացավով վերադառնալով՝ նա իմացավ, որ իրեն հաջորդ օրվա համար իտալացի պատիրատուի ուղեկցող են նշանակել։ Գոնե այս անգամ հակառակվելու գայթակղությունը ծատ մեծ էր և ամենից առաջ կապված էր այն բանի հետ, որ վաղվա համար նկատի ունեցած հանձնարարությունը գործարքների հետ անմիջական կապ ունեցող աշխատանք չէր, ու թեև իտալացի պատվիրատուի հանդեպ հասարակական աշխատանքը կատարելու պարտքը, անկասկած, բավական կարևոր էր, ապա թերևս ոչ Կ֊ի համար, քանզի նա շատ լավ գիտեր, որ ինքը միայն աշխատանքնային հաջողությունների շնորհիվ է կարող բանկում պահպանել իր դիրքը, և եթե դա չհաջողվի, թեկուզ իտալացուն անսպասելիորեն հմայել էլ կարողանա, միևնույն է, բանկում լրիվ ավելորդ մարդ կլինի։ Նա չէր ուզում նույնիսկ մի օր աշխատանքից հեռու լինել, որոհվետև այլևս ներս թողնված չլինելու վախը անսովոր մեծ էր, մի վախ, որ ավելի շուտ հաստատ էր, քան չափազանցված և նրան շատ էր նեղում։ Սակայն այս անգամ համարյա անհնար էր որևէ համոզիչ պատրվակ գտնելը։ Կ֊ն թերև վարժ չէր տիրապետում իտալարենին, բայց բավարար գիտելիքներ ուներ, իսկ կարևորն այն էր, որ մի ժամանակ արվեստի պատմություն էր ուսումնասիրել, և դա անասելի չափազանցված կերպով բանկում հայտնի էր դարձել նրանով, որ նա երբևէ (ի դեպ, էլի զուտ գործնական նկատառումներից ելնելով) քաղաքի արվեստի հուշարձանների պահպանության ընկերության անդամ էր եղել։ Իսկ իտալացին, ինչպես խոսակցություններից էին իմացել, արվեստի սիրահար էր, և դրանից հետո Կ֊ի՝ ուղեկցողի դերում հանդես գալու թեկնածությունն ինքնին հասկանալի էր դարձել։
Ուժեղ անձրև էր գալիս, և քամի էր, երբ Կ֊ն առավոտյան ժամը յոթին, իրեն սպասվող օրվա վրա խիստ զայրացած, գրասենյակ մտավ։ Մինչև այցելուի տրամադրության տակ անցնելը նա մտադիր էր որոշ բաներ վերջացնել։ Նա շատ էր հոգնած, որովհետև, այսօրվա համար նախապատրաստվել ցանկանալով, գիշերվա կեսն իտալերենի քերականության ուսումնասիրությամբ էր անցկացրել։ Գրասենյակի պատուհանը, ուր վերջին ժամանակներս շատ հաճախ էր նստում, ավելի էր գրավում, քան գրասեղանը, բայց նա ընդդիմացավ այդ ցանկությանն ու աշխատանքի նստեց։ Ցավոք, իսկույն ներս մտավ ծառան և զեկուցեց, որ պարոն տնօրենը իրեն ուղարկել է իմանալու՝ արդյոք պարոն հավատարմատարը եկե՞լ է արդեն, իսկ եթե եկել է, ապա թող սիրալիր լինի և անցնի ընդունարան, որովհետև իտալացի պարոնն արդեն այնտեղ է։
― Գալիս եմ,― ասաց նա, մի փոքր բառարան դրեց գրպանը, քաղաքի տեսարժան վայրերի ալբոմը, որ ինքն էր անծանոթի համար նախատեսել, առավ թևի տակ և տնօրենի տեղակալի աշխատասենյակի միջով անցավ տնօրենի առանձնասենյակը։ Թեև հավանաբար ոչ ոք էլ չհավատար, բայց նա ուրախ էր այդպես շուտ գրասենյակ գալու և անմիջապես պետք գալ կարողանալու համար։
Տնօրենի տեղակալի գրասենյակը դատարկ էր, ինչպես կարող էր լինել ուշ գիշերին։ Ծառային հավանաբար պատվիրել էին նրան ևս ընդունարան կանչել, բայց ծառայի ջանքերը ապարդյուն էին անցել։
Երբ Կ֊ն ընդունարան մտավ, երկու պարոնները վեր կացան բազկաթոռներից։ Տնօրենը բարեկամաբար ժպտաց․ նա անկեղծ ուրախ էր Կ֊ի գալու համար և անմիջապես ծանոթացրեց նրանց։ Իտալացին սեղմեց Կ֊ի ձեռքը և, ժպտալով, ինչ֊որ մեկին «շուտ արթնացող» անվանեց։ Կ֊ն ճիշտ չհասկացավ, թե իտալացին ում նկատի ուներ, դրանից բացի, բառն անսովոր էր, և դրա իմաստը նա քիչ անց նոր հասկացավ։ Կ֊ն մի քանի սահուն նախադասությամբ պատասխանեց, որոնք իտալացին ծիծաղով ընդունեց և դալուկ֊նյարդային ձեռքը բազմիցս տարավ կապտամոխրագույն, թավ բեղերի վրայով։ Բեղերը հաստատ օծանելիքով էին օծված․ քիչ էր մնում մարդ մոտենար ու հետ քաշեր։ Երբ բոլորը նստեցին, և ներածական բնույթի փոքր զրույց սկսվեց, Կ֊ն մեծ տհաճությամբ նկատեց, որ միայն տեղ֊տեղ է հասկանում իտալացուն։ Երբ դիմացինը հանգիստ էր խոսում, համարյա լրիվ հասկանում էր, բայց այդ պահերը հազվադեպ բացառություններ էին․ բառերը նրա բերանից մեծ մասամբ հորդում էին, և նա՝ կարծես դրա հաճույքից թափահարում էր գլուխը։ Այդպես խոսելու ժամանակ նա շարունակ ինչ֊որ բարբառի մեջ էր խճճվում, որն արդեն Կ֊ի համար իտալերեն չէր, մինչդեռ տնօրենը ոչ միայն հասկանում, այլ նաև խոսում էր նույն բարբառով։ Կ֊ն պետք է նախատեսած լիներ այդ հանգամանքը․ իտալացին ծագումով հարավային մարզերից էր, իսկ տնօրենը մի քանի տարի եղել էր այնտեղ։ Համենայնդպես, Կ֊ն նկատեց, որ ինքը մեծ մասամբ զրկված է իտալացու հետ բացատրվելու հնարավորությունից, որովհետև նրա ֆրանսերենը նույնպես դժվար հասկանալի էր, դրան գումարած նաև, որ բեղերը ծածկում էին շուրթերի շարժումները, իսկ շուրթերին նայելով նույնպես կարելի կլիներ որոշ բաներ հասկանալ։ Կ֊ն սկսեց բազմաթիվ տհաճություններ կանխատեսել և ժամանակավորապես վերջ տվեց իտալացուն հասկանալու ջանքերին (տնօրենքը շատ լավ հասկանում էր իտալերեն, իսկ նրա ներկայությամբ ջանքերն ավելորդ էին) և սահմանափակվեց միայն դժգոհ տեսքով հյուրին զննելով․ ինչպես էր նա խորը, բայց թեթև նստել բազկաթոռին, ինչպես մի քանի անգամ ձգեց իր կարճափեշ, սուր ձևվածքի պիջակը, ինչպես բարձրացրեց թևերը և ազատ շարժվող ձեռքերով փորձեց ինչ֊որ բան ներկայացնել, որը Կ֊ն՝ թեև առաջ էր թեքվել ու աչքերը չէր հեռացնում ձեռքերից, ոչ մի կերպ չկարողացավ հասկանալ։ Հայացքով մեքենայաբար խոսողներին հետևող Կ֊ն աստիճանաբար զգաց նախորդ օրերի հոգնածությունը և, ի սարսափ իրեն, բարեբախտաբար ճիշտ ժամանակին ուշքի եկավ ցրված, անմիջապես ոտքի կանգնելու, շուռ գալու և դուրս գալու ցանկությունից։ Իտալացին վերջապես նայեց ժամացույցին և ոտքի ելավ։ Տնօրենին հրաժեշտ տալուց հետո նա այնպես կիպ սեղմվեց Կ֊ին, որ վերջինս շարժվել կարողանալու համար ետ քաշեց բազկաթոռը։
Տնօրենը, Կ֊ի դեմքին նայելով, հաստատ նկատել էր իտալացու ներկայությամբ նրան տիրած անհարմար վիճակը։ Նա նրբանկատորեն ու խելացի միջամտեց զրույցին, և դա այն տպավորությունը թողեց, թե հակիրճ մի քանի խորհուրդներ է տալիս, բայց իրականում Կ֊ին բացատրեց այն ամենը, ինչ իտալացին էր շարունակ զրույցին խառնվելով ասում։ Կ֊ն տեղեկացավ, որ պատվիրատուն առայժմ պետք է իր մի քանի գործերը հոգա և ցավոք, քիչ ժամանակ կունենա սակայն ոչ մի դեպքում մտադիր չէ բոլոր տեսարժան վայրերը միայն թռուցիկ կերպով նայել֊անցնել։ Եթե Կ֊ն համաձայնի՝ նա է որոշողը, ապա ինքն ուզում է նայել միայն տաճարը, բայց՝ հիմնովին։ Նա անկեղծ ուրախ է այցելությունը նման կիրթ ու սիրալիր մարդու հետ (նկատի ունենալով Կ֊ին, որի գործն այժմ իտալացու խոսքերը չլսելու տալն ու սոսկ տնօրենին հասկանալն էր) կատարելու համար և խնդրում է նրան, եթե հարմար է, երկու ժամից՝ ժամը տասի կողմը, լինել տաճարում։ Ինքը հույս ունի, որ նշված ժամին հաստատ կկարողանա այնտեղ լինել։ Կ֊ն համաձայնություն տվող մի քանի բան ասաց․ իտալացին նախ տնօրենի ձեռքը սեղմեց, հետո՝ Կ֊ի, հետո՝ նորից տնօրենի, և երկուսի ուղեկցությամբ, միայն կիսով չափ նրանց կողմը շրջված, խոսելը չդադարեցնելով, դեպի դուռը գնաց։ Կ֊ն որոշ ժամանակ ևս մնաց տնօրենի մոտ․ վերջինիս տեսքը այնքան էլ լավ չէր։ Տնօրենը պարտավորված էր զգում ներողություն խնդրել Կ֊ից (այդ պահին ներքն շատ մոտ էին կանգնել), որովհետև նախ մտադիր էր եղել անձամբ ուղեկցել իտալացուն, հետո, սակայն, մտածել էր, որ ավելի լավ կլինի, եթե Կ֊ն գնա։ Միաժամանակ տնօրենը ոչ մի մոտավոր հիմավորում չտվեց։ Եթե հանկարծ Կ֊ն իտալացուն հենց առաջին բառերից չհասկանա, ասաց նա, թող չանհանգստանա, որովհետև շատ շուտով կսկսի հասկանալ, իսկ եթե հանկարծ ընդհանրապես շատ բան չհասկանա էլի ոչինչ, որովհետև իտալացու համար դա այնքան էլ կարևոր չէ։ Ի դեպ, պետք է ասել, որ Կ֊ի իտալերենը հաճելի անակնկալ էր և նա, հիանալի գլուխ կհանի գործից։
Տնօրենն այսպես բաժանվեց Կ֊ից։ Ազատ մնացած ժամանակը Կ֊ն անցկացրեց տաճարում օգտագործման համար անհրաժեշտ բառերը բառարանից դուրս բերելով։ Չափազանց զզվեցնող աշխատանք էր։ Ընթացքում ծառաները բերեցին օվրա փոստը, ծառայողներն էին գալիս տարբեր հարցերով, և, տեսնելով, որ Կ֊ն զբաղված է, մնում էին դռան մոտ կանգնած, չէին հեռանում, սակայն, մինչև Կ֊ն լսում էր նրանց, տնօրենի տեղակալն էլ իրեն չզրկեց Կ֊ին խանգարելու հաճույքից․ հաճախ էր ներս գալիս, ձեռքից վերցնում էր բառարանը, աննպատակ թերթում։ Երբ դուռը բացվում էր, այցելուներ էին երևում նախասենյակի կիսախավարի մեջ և, վարանելով, խոնարհվում էին, նրանք ուզում էին իրենց վրա հրավիրել Կ֊ի ուշադրությունը, բայց այնքան էլ վստահ չէին, թե նա տեսել է իրենց։ Այդ ամենի առանցքը կարծես Կ֊ն լիներ, բոլորը նրա շուրջն էին պտտվում, մինչդեռ նա բառարանն էր քրքրում, բառեր դուրս գրում, անհրաժեշտ բառակապակցություններ էր կազմում, փորձում էր դրանց հնչողությունը և ձգտում անգիր սովորել։ Ինչ֊որ ժամանակ նա լավ հիշողություն էր ունեցել, բայց այժմ թվում էր, թե այդ շնորհը լրիվ լքել է իրեն։ Նա երբեմն այնպես էր զայրանում նման չարչարանք պատճառող իտալացու վրա, որ այլևս չնախապատրաստվելու հաստատ մտադրությամբ բառարանը թղթերի տակ էր թաղում, բայց հետո մտածում էր, որ ախր չէր կարող տաճարի գլուխգործոցների դիմաց իտալացու ընկերակցությամբ միայն հետուառաջ քայլել և այս անգամ ավելի մեծ կատաղությամբ էր դուրս քաշում այն։
Ուղիղ ինն անց երեսուն րոպեին, երբ արդեն դուրս ելնել էր ուզում, հեռախոսը զնգաց։ Լեննին նրան բարի լույս մաղթեց, հարցրեց տրամադրությունը, Կ֊ն փութով շնորհակալություն հայտնեց և նկատեց, որ այժմ զրույցի բռնվելու հնարավորություն չունի, որովհետև պետք է տաճար գնա։
― Տաճա՞ր։
― Ճիշտ այդպես, տաճար։
― Իսկ ի՞նչ կա տաճարում։― Կ֊ն փորձեց երկու խոսքով բացատրել, բայց հազիվ էր բերանը բացել, երբ Լեննին հանկարծ ասաց․
― Նրանք հետապնդում են քեզ։
Կ֊ն ափսոսանք չզգաց, որ ոչ զանգել է, ոչ էլ սպասել, երկու բառով արագ հրաժեշտ տվեց նրան, բայց երբ լսափողը կախում էր, ոչ այն է ինքնիրեն, ոչ այն է հեռվում գտնվող աղջկան՝ որ այլևս չէր կարող լսել, ասաց․
― Այո, նրանք հետապնդում են ինձ։
Արդեն ուշ էր, և վտանգ կար, որ կարող է ճիշտ ժամանակին այնտեղ չլիներ։ Մեքենա նստեց։ Վերջին պահին էր հիշել ալբոմի մասին, որն ավելի շուտ հանձնելու ոչ մի առիթ չէր գտել և այդ պատճառով հետն էր վերցրել․ դրել էր ծնկներին և ողջ ճանապարհին անհանգիստ տկտկացնում էր ալբոմի կողին։ Անձրևը թուլացել էր, բայց եղանակը խոնավ էր, ցուրտ ու ամպամած։ Տաճարում շատ բան տեսնել հնարավոր չէր լինի և, հավանաբար, սառը սալահատակին երկար կանգնելը պատճառ դառնար առանց այն էլ հիվանդ Կ֊ի վիճակի վատանալուն։
Տաճարի հրապարակն ամայի էր։ Դեռ մանկության տարիներից տպավորված մի բան հիշեց Կ֊ն․ այս փոքր հրապարակը շրջապատող տների համարյա բոլոր պատուհանների վարագույներն իջեցված էին։ Այդ հանգամանքը այսօրվա եղանակին ավելի հասկանալի էր, քան երբևէ։ Տաճարը նույնպես դատարկ էր թվում։ Իհարկե, ոչ ոքի մտքով չէր անցնի այստեղ գալ։ Նա արագ աչք ածեց երկու կողմնային նավերը, նրանցից մեկում տաք գլխաշորով փաթաթված մի ծեր կնոջ տեսավ, որ ծնկի էր իջել Մարիամ Աստվածածնի նկարի դիմաց ու նայում էր, դռներից մեկի մեջ անհետացող մի կաղ սպասավոր երևաց հեռվում։ Կ֊ն ճիշտ ժամանակին էր եկել, ներս մտնելիս ժամը տասն էր խփել, բայց իտալացին չկար։ Նա ետ դարձավ դեպի գլխավոր մուտքը, իր անելիքները չիմանալով, որոշ ժամանակ կանգնեց այնտեղ, անձրևի տակ մի անգամ պտտվեց տաճարի շուրջը և ուզեց պարզել՝ արդյոք իտալացին կողային մուտքերից մեկի մո՞տ էր սպասում։ Նա ոչ մի տեղ չկար։ Գուցե տնօրենը ճիշտ չէ՞ր հասկացել ժամը։ Եվ ինչպե՞ս կարելի էր ճիշտ հասկանալ այդ մարդուն։ Ինչ ուզում է լիներ, Կ֊ն առնվազն կես ժամ պետք է սպասեր։ Որովհետև հոգնած էր և նստել էր ուզում, նա նորից վերադարձավ տաճար, աստիճաններից մեկի վրա գորգանման փալասի կտոր գտավ, կոշիկի քթով մինչև մոտակա նստարանը քաշեց, ավելի ամուր փաթաթվեց վերարկուի մեջ, բարձրացրեց օձիքը և նստեց։ Ինչ֊որ բանով զբաղված լինելու համար նա բացեց ալբոմը, մի քիչ թերթեց, սակայն շուտով ստիպված էր դադարեցնել նկարները նայելը, որովհետև ներսում այնպես մթնեց, որ վեր նայելով հազիվ կարողացավ մոտակա կողմնային նավի ներսում որևէ բան զանազանել։ Գլխավոր զոհասեղանի վրա՝ խորքում, մոմերի լույսի եռանկյունին էր կայծկլտում։ Կ֊ն հաստատ չէր կարող ասել, թե ներս մտնելիս տեսել էր դրանք․ եկեղեցու սպասավորները հուշիկ շարժվելու մեջ մասնագիտացած էին, նրանց հնարավոր չէր նկատել։ Երբ Կ֊ն պատահաբար շրջվեց, իրենից ոչ այնքան հեռու, սյանը կպցրած երկար, հաստ, վառվող մի մոմ էլ տեսավ։ Թեկուզ դա ինչքան էլ գեղեցիկ լիներ, կողային զոհարաններում մեծ մասամբ խավարի մեջ կախված սրբապատկերների լուսավորման համար, միևնույն է, բավական չէր․ մոմերի լույսը ավելի շուտ կրկնապատկում էր խավարը։ Այն, որ իտալացին չեկավ, որքան խելացի, նույքան էլ անքաղաքավարի քայլ էր․ ոչինչ հնարավոր չէր լինի տեսնել, ստիպված պետք է Կ֊ի գրպանի լապտերով՝ մաքսատան ծառայողի նման, մի քանի նկար փնտրեին։ Կ֊ն ցանկացավ փորձել, թե ինչ կստացվեր դրանից, գնաց կողային մատուռը, մի քանի աստիճան բարձրացավ մինչև մարմարյա ցածրիկ եզրապատը և, նրա վրա կռանալով, լապտերի լույսն ուղղեց սրբապատկերին․ անշեջ կանթեղի լույսը կուրացնելով կախվեց օդում։ Առաջին բանը, որ Կ֊ն տեսավ ու մասամբ կռահեց, նկարի առաջին պլանում պատկերված, զրահավորված մեծ ասպետն էր։ Նա հենվել էր իր առջև լերկ գետնի մեջ (այսուայնտեղ խոտի մի քանի ցողուն էին երևում միայն) խրած սրին և ուշադիր, կարծես իր աչքերի առաջ տեղի ունեցող ինչ֊որ բանի էր հետևում։ Զարմանալի էր, որ նա կանգնել էր այդպես և չէր մոտենում։ Գուցե պահակ էին նշանակել նրան։ Կ֊ն, որ վաղուց ոչ մի նկար չէր նայել, չնայած շարունակ թարթում էր աչքերը (կանաչ լույսը վատ էր ազդում տեսողությանը), երկար զննեց ասպետին։ Երբ նկարի մյուս մասն էլ լուսավորեց, տեսավ, որ այնտեղ Քրիստոսի թաղումն է պատկերված՝ սովորական մեկնաբանությամբ։ Ի դեպ, այս նկարն ավելի նոր էր։ Նա լապտերը դրեց գրպանը և գնաց դեպի իր նստարանը։
Իտալացուն սպասելն, հավանաբար, անիմաստ էր արդեն։ Դրսում հորդառատ անձրև էր տեղում, և որովհետև այստեղ այնքան էլ ցուրտ չէր, ինչպես ինքն էր կարծում, Կ֊ն որոշեց առայժմ մնալ։ Նրա հարևանությամբ եկեղեցու բարձր ամբիոնն էր, որի կլոր, փոքր տանիքին ոսկե սնամեջ՝ մի ծայրով հատվող, երկու խաչ էր դրված։ Ճաղաշարի դրսի պատը և ամբիոնը պահող սյան կողմը տանող անցումը կանաչ տերևներով էր ձևավորված, նախշերից փոքրիկ հրեշտակներ էին բռնել՝ ոչ այն է աշխույժ, ոչ այն է՝ հանգիստ։ Կ֊ն մոտեցավ ամբիոնին և բոլոր կողմերից զննեց։ Շատ նուրբ մշակված քարի նախշերի արանքի և նրանց հետևի խիտ ստվերը գտնված և այդ վիճակում սևեռված թվաց Կ֊ին։ Նա ձեռքը դրեց այդպիսի մի բացվածքի մեջ և զգուշությամբ շոշափեց քարը․ այդ ամբիոնի գոյության մասին առայսօր չէր իմացել։ Նույն պահին նա պատահաբար նկատեց նստարանների հաջորդ շարքի հետևում կանգնած եկեղեցու սպասավորին։ Նրա հագին երկար, ծալքավոր սև զգեստ էր, ձախ ձեռքում պահել էր քթախոտի տուփը և Կ֊ին էր նայում։
― Տեսնես ի՞նչ է ուզում,― մտածեց Կ֊ն։― Կասկածո՞ւմ է, թե՞ թեյի փող է ուզում։
Երբ սևազգեստ մարդը հասկացավ, որ Կ֊ն նկատել է իրեն, երկու մատների արանքում դեռ մի պտղունց քթախոտ պահած աջ ձեռքը անորոշ ուղղությամբ պարզեց։ Նրա շարժումներն անհասկանալի էին։ Կ֊ն մի փոքր էլ սպասեց, բայց մարդը չէր դադարում ձեռքով ցույց տալ և, ի լրումն դրա, դեռ գլխով էր անում։
― Այդ ի՞նչ է ուզում,― ցածրաձայն հարցրեց Կ֊ն, որովհետև այստեղ չէր համարձակվում բղավել։ Հետո նա հանեց դրամապանակը և մոտ գնալու համար անցավ նստարանների միջով, սակայն սպասավորը մերժելու շարժում արեց անմիջապես, թոթվեց ուսերը և կաղին տալով հեռացավ։ Երեխա ժամանակ Կ֊ն շատ էր փորձել շտապ հեռացող մարդու կաղ քայլվածքին նմանվող վազքով ձի քշելու շարժումները նմանակել։
«Մանկամիտ ծերունի է»,― մտածեց Կ֊ն։― «Նրա խելքը միայն եկեղեցում ծառայելու համար է բավականացնում։ Երբ ես կանգնում եմ, նա էլ է կանգնում և նայում է, արդյոք առաջ գնալ չե՞մ ուզում»։ Կ֊ն՝ ժպտալով, մինչև գլխավոր զոհասեղանի աստիճանները հասնելը ողջ կողմնային նավով մեկ հետևեց սպասավորին։ Ծերունին շարունակ ինչ֊որ բան էր ցույց տալիս, բայց Կ֊ն չէր շրջվում․ մատնացույց անելը հետքից շեղելուց բացի, ուրիշ նպատակ ուներ հաստատ։ Ի վերջո, նա հանգիստ թողեց ծերունուն, որովհետև չէր ուզում շատ վախեցնել նրան և, դրանից բացի, չէր ուզում վերջնականապես քշել այս ուրվականին, որովհետև իտալացին դեռ կարող էր գալ։
Երբ նստած տեղը փնտրելու համար Կ֊ն կենտորանակն նավը վերադարձավ (ալբոմն էլ էր այնտեղ թողել), սյան մոտ՝ երգչախմբի նստարաններին համարյա կպած, պարզ կառուցվածքի, չնախշազարդված, անգույն քարից շինված մի ուրիշ, ավելի փոքր ամբիոն տեսավ։ Կառույցն այնքան փոքր էր, որ հեռվից թվում էր, թե սրբաքանդակի համար նախատեսված, բայց առայժմ դատարկ որմնախորշ է՝ լայնությամբ քարոզչի հազիվ մի քայլին հավասար։ Դրանից բացի, ամբիոնի քարե կամարը անսովոր կախ էր և ուղիղ, թեև զարդածածկ չէր, բայց այնպես էր վեր ոլորվում, որ միջահասակ մարդն անգամ չէր կարողանա ուղիղ կանգնել այնտեղ․ պետք է շարունակ կռացած լինել։ Ամբողջական վերցրած, դա կարծես քարոզչին տանջելու համար էր մտածված և հասկանալի չէր, թե ինչ նպատակի էր ծառայելու այս ամբիոնը, երբ մյուսը՝ մեծ ու ճաշակով զարդարված, արդեն կար։
Կ֊ն փոքր ամբիոնը, անշուշտ, չէր էլ նկատի, եթե դրա վերևում մի փոքր լամպ ամրացված չլիներ․ սովորաբար միայն քարոզ կարդալուց անմիջապես առաջ էին այդպես անում։ Դատարկ եկեղեցում քարո՞զ էին կարդալու հիմա։ Նա նայեց սյունը գրկած, դեպի ամբիոնը ոլորվող աստիճաններին․ այնքան նեղ էին, որ կարծես ոչ թե կոնկրետ նպատակի, այլ սյունը զարդարելու համար էին նապատեսված։ Սակայն ամբիոնի տակ իրոք կանգնել էր հոգևորականը (Կ֊ն զարմացած ժպտաց) և, բարձրանալ պատրաստվելով, ձեռքը բազրիքին պահած, Կ֊ի կողմն էր նայում։ Նա հազիվ նկատելի գլխով արեց, Կ֊ն խաչ հանեց և խոնարհվեց․ ի դեպ, ավել շուտ պետք է արած լիներ։ Հոգևորականը թեթևակի թափ առավ և մանր, արագ քայլերով դեպի ամբիոնը բարձրացավ։ Իրո՞ք քարոզ է սկսվելու։ Հավանաբար սպասավորն այնքան էլ ծալապակաս չէր, ցանկանում էր քարոզչի մոտ տանել Կ֊ին, իսկ դատարկ եկեղեցում դա անհրաժեշտ էր։ Իմիջիայլոց, ինչ֊որ տեղ՝ Մարիամ Աստվածածնի նկարի մոտ, չոքած մի պառավ էլ կար, և պետք է որ նա էլ գար։ Իսկ եթե քարոզ էր լինելու, ինչո՞ւ նախ երգեհոնի նվագ չհնչեց։ Երգեհոնը լռում էր և իր բարձրությունից թույլ պսպղում խավարի մեջ։
Կ֊ն մտածեց, որ լավ կլինի, եթե հիմա շտապ հեռանա։ Չգնար, ոչ մի հեռանկար չկար, թե կկարողանար քարոզի ժամանակ հեռանալ և հետո ստիպված կլիներ մինչև ավարտը մնալ։ Գրասենյակում այդքան ժամանակ կորցրեց, և հիմա այլևս պարտավոր չէր սպասել իտալացուն։ Նա ժամացույցին նայեց․ տասնմեկն էր։ Բայց իրոք հնաարվո՞ր էր, որ քարոզ կարդային։ Միայն Կ֊ն կարո՞ղ էր ողջ համայնքը ներկայացնել։ Ի՞նչ կլիներ, եթե նա սոսկ եկեղեցին զննել ցանկացող օտար մարդ լիներ։ Ճիշտն ասած, նա օտար էլ էր։ Մտածելն անգամ ավելորդ էր, որ այժմ՝ աշխատանքային օրով, ժամը տասնմեկին, այս անտանելի եղանակին քարոզ էին կարդալու։ Հոգևորականը (նա անկասկած հոգևորական էր, թուխ, հարթ դիմագծերով երիտասարդ էր) հաստատ միայն սխալմամբ վառած լամպը հանգցնելու մտադրությամբ էր վեր բարձրանում։
Սակայն Կ֊ն սխալվեց։ Հոգևորականն ավելի շուտ ստուգեց լուսավորությունը, մի փոքր բարձրացրեց պատրույգը, հետո դանդաղ շրջվեց դեպի ճաղաշարը և երկու ձեռքով բռնեց անկյունավոր եզրաքարը։ Այդպես նա որոշ ժամանակ կանգնեց և, առանց գլուխ շարժելու՝ շուրջը նայեց։ Կ֊ն մի մեծ տարածություն ընկրկել էր և կանգնել էր եկեղեցու նստարանների առաջին շարքին արմունկներով հենված։ Նրա անվստահ հայացքը անորոշ թափառեց եկեղեցու մեջ, կանգնեց ծուռմեջք սպասավորի վրա, որ, կարծես առաջադրանքը կատարելուց հետո, խաղաղված կուչ էր եկել։ Ի՜նչ անսովոր լռություն էր տիրում տաճարում։ Բայց Կ֊ն պետք է խախտեր լռությունը, որովհետև այստեղ մնալու մտադրություն չուներ։ Եթե հոգևորականի պարտքն էր պահանջում, որ նշված ժամին՝ առանց հանգամանքներն հաշվի առնելու, քարոզ կարդար, թող աներ, առանց Կ֊ի աջակցության դա նույն հաջողությունը կունենար, ինչպես նրա ներկայությունը չէր կարողանա ուժեղացնել ազդեցությունը։ Կ֊ն, այսպիսով, դանդաղ, նստարանները շոշափելով, ոտնաթաթերի վրա դուրս եկավ լայն միջանցքը և հանգիստ գնաց․ քարե հատակը ամենազգույշ քայլի դեպքում անգամ զրնգում էր, իսկ կամարները՝ կանոնավոր առաջ ընթանալուն զուգընթաց, թույլ և անդադար բազմապատկվող արձանանք էին տալիս։ Երբ նա եկեղեցու դատարկ նստարանների միջոց դուրս էր գնում (կրոնավորը, երևի, հայացքով հետևում էր), լքվածության ակնթարթային զգացում ունեցավ, միաժամանակ նրան թվաց, թե տաճարի մեծությունը հենց այն սահմանագծի վրա է, որին մարդ դեռ կարող է դիմանալ։
Քիչ առաջ նստած տեղը հասնելով՝ նա, առանց կանգ առնելու, բառի բուն իմաստով ճանկեց ալբոմն ու ամուր սեղմեց իրեն։ Նստարանների արանքից դուրս գալուն և նստարանների ու ելքի միջև ընկած ազատ տարածությանն հասնելուն քիչ էր մնացել, երբ առաջին անգամ լսվեց հոգևորականի ձայնը։ Ազդեցիկ, փորձված ձայն էր։ Ինչպե՜ս տարածվեց ձայնին սպասող տաճարի մեջ։ Բայց հոգևորականը համայնքին չդիմեց․ դա ինքնին հասկանալի էր և հնարավոր չէր խուսափել։
― Յոզեֆ Կ․։― Գոչեց նա։
Կ֊ն արձանացավ և նայեց դիմացը՝ հատակին։ Առայժմ նա ազատ էր, դեռ կարող էր շարունակել ճանապարհը և փայտաշեն երեք փոքր, մութ դռներից մեկով, որ այնքան էլ հեռու չէին իրենից, հեռանալ։ Դա կնշանակեր միայն, որ ինքը չի հասկացել կամ եթե անգամ հասկացել է, ապա չի ուզում այդ մասին մտածել։ Իսկ եթե շուռ գար, այլևս ոչինչ չէր կարողանա անել, որովհետև դրանով իսկ կխոստովաներ, որ շատ լավ էլ հասկացել է, որ ինքն է Յոզեֆ Կ֊ն, և որ կհետևի ձայնին։ Եթե հոգևորականը մի անգամ էլ ձայն տար, Կ֊ն անտարակույս կհեռանար, բայց որովհետև երկար սպասելուց հետո առաջվա պես լուռ էր, նա թեթևակի շրջեց գլուխը և ուզեց տեսնել, թե ինչով է զբաղված կրոնավորը։ Վերջինս հանգիստ կանգնել էր ամբիոնին, սակայն պարզ երևում էր, որ նկատել է Կ֊ի գլխի շարժումը։ Երեխայական պահմտոցի կլիներ, եթե Կ֊ն լրիվ շուռ չգար։ Նա այդպես էլ վարվեց, իսկ հոգևորականը մատը շարժելով ավելի մոտ կանչեց։ Որովհետև այժմ արդեն ոչինչ չէր կարելի թաքցնել, նա լայն քայլեորվ՝ համարյա ցատկելով, վազեց դեպի ամբիոնը։ Վազելու պատճառը հետաքրքրասիրությունն էր և, միաժամանակ՝ գործը կարճելու ձգտումը։ Առաջին նստարանների մոտ Կ֊ն կանգ առավ, բայց հեռավորությունը շատ մեծ թվաց հոգևորականին։ Նա ձեռքն առաջ պարզեց և ուղիղ ներքև թեքված ցուցամատով ամբիոնին կիպ մոտիկ տեղ ցույց տվեց։ Կ֊ն նորից հնազանդվեց։ Այդտեղ կանգնած, հոգևորականին տեսնելու համար նա պետք է լավ ետ գցեր գլուխը։
― Յոզեֆ Կ֊ն դո՞ւ ես,― ասաց հոգևորականը և, անորոշ շարժում անելով, բարձրացրեց ճաղաշարին հենված մի ձեռքը։
― Այո։― Կ֊ն մտածեց, թե նախկինում ինչպիսի պարզությամբ էր տալիս վերջերս իր համար բեռ դարձած անունը։ Նրա անունը նաև այն մարդիկ գիտեին, ում հետ ինքն առաջին անգամ էր հանդիպում։ Ինչքան լավ էր, երբ նախ՝ ներկայացնում էին և հետո նոր՝ ծանոթանում։
― Դու մեղադրված ես։― Ձայնի շեշտված մեղմությամբ ասաց հոգևորականը։
― Գիտեմ։ Ինձ տեղյակ են պահել։
― Ուրեմն դու իմ փնտրած մարդն ես։ Ես բանտի քահանան եմ։
― Ահա՜ թե ինչ։
― Ես կարգադրել եմ այստեղ կանչել քեզ, որ խոսեմ հետդ։
― Չգիտեի։ Ես տաճարը մի իտալացու ցույց տալու նպատակով եմ եկել։
― Անկարևոր բաները թող։ Ձեռքինդ ի՞նչ է։ Արդյոք աղոթագիրք չէ՞։
― Ոչ, քաղաքի տեսարժան վայրերի ալբոմն է։
― Մի կողմ դիր,― ասաց քահանան։ Կ֊ն այնպես մի կողմ նետեց, որ ալբոմը՝ ջարդոտված էջերով, մի կարճ տարածություն սահեց հատակի վրա։
― Գիտե՞ս, որ քո դատավարության վիճակը ծանր է։
― Ինձ էլ է այդպես թվում։ Ես հնարավոր ամեն ինչ արել եմ, առայժմ սակայն՝ ապարդյուն։ Խնդրագիրն, համենայնդպես, դեռ պատրաստ չէ։
― Ինչպե՞ս ես պատկերացնում վերջը։
― Առաջ կարծում էի, թե լավ կլինի, սակայն այժմ ինքս էլ եմ կասկածում։ Չգիտեմ։ Իսկ դու գիտե՞ս։
― Ոչ։ Բայց վախենում եմ, որ՝ վատ։ Քեզ մեղավոր են համարում։ Քո դատը հավանաբար ստորին աստիճանի դատարանի քննությամբ չավարտվի։ Գոնե առայժմ քո մեղքն ապացուցված են համարում։
― Բայց ես անմեղ եմ։ Դա մոլորություն է։ Ինչպե՞ս կարող է մարդ արարածն ընդհանրապես մեղավոր լինել։ Մենք բոլորս էլ ախր իրար նման մարդիկ ենք։
― Այդ մեկը ճիշտ է, բայց այդպես սովորաբար մեղավորներն են խոսում։
― Դո՞ւ ևս կանխակալ կարծիք ունես իմ մասին։
― Ոչ։ Քո մասին ես ոչ մի կանխակալ կարծիք չունեմ։
― Շնորհակալություն։ Սակայն հետաքննությանն առնչվող բոլոր մյուսներն արդեն որոշակի տրամադրվածություն ունեն իմ հանդեպ և ազդում են գործի հետ կապ չունեցողների վրա ևս։ Իմ վիճակը գնալով ավելի է վատանում։
― Դու աղավաղում ես փաստերը։ Վճիռը միանգամից ի հայտ չի գալիս։ Հետաքննությունն է աստիճանաբար վերափոխվում վճռի։
― Այդպես ուրեմն,― ասաց Կ֊ն ու կախեց գլուխը։
― Հետագայում ի՞նչ ես անելու քո գործի համար։
― Ուզում եմ աջակցություն փնտրել։― Կ֊ն բարձրացրեց գլուխը, որ տեսներ, թե հոգևորականը ինչպես կվերաբերվի ասածին։― Դեռ հնարավորություններ կան, որ չեմ օգտագործել։
― Կողմնակի աջակցության որոնումները չափազանց շատ են։― Հավանություն չտալով ասաց քահանան։― Հատկապես՝ կանաց հետ կապված։ Չե՞ս նկատում, որ դա դեռ իսկական օգնություն չէ։
― Երբեմն, նույնիսկ շատ հաճախ, կարելի է իրավացի համարել քեզ։ Բայց ոչ միշտ։ Կանայք մեծ ազդեցություն ունեն։ Եթե իմ ճանաչած կանանց կարողանայի մեկտեղ աշխատանքի մեջ ներքաշել, անպայման դուրս կպրծնեի։ Հատկապես այդ դատարանում, ուր համարյա բոլորն են կնամոլ։ Քննիչին հեռվից մի կին ցույց տուր, և նա առաջինը տեղ հասնելու համար ոտքի տակ կտա ատենական սեղանն էլ, մեղադրյալին էլ։
Հոգևորականը գլուխը ճաղաշարին էր խոնարհել։ Թվում էր, թե ամբիոնի ծածկը միայն հիմա է ճնշում նրան։ Ի՜նչ սարսափելի եղանակ էր դրսում։ Ամպամած օր չէր այլևս, այլ գիշեր էր արդեն։ Մութի պատը ճեղքող լայն պատուհանների նկարազարդ ապակիներից լույսի մի շող իսկ չէր թափանցում։ Եվ հենց այդ պահին սպասավորն սկսեց գլխավոր զոհասեղանի վրայի մոմերը մեկը մյուսի հետևից հանգցնել։
― Դու զայրացա՞ր ինձ վրա,― հարցրեց Կ֊ն։― Դու երևի չգիտես, թե ի՞նչ դատարանում ես ծառայում։― Պատասխան չկար։― Մինչդեռ դրանք ես իմ փորձից գիտեմ։― Վերևում առաջվա պես լռություն էր տիրում։― Ես բնավ չէի ուզում վիրավորել քեզ,― ասաց Կ֊ն։
― Դու քթիցդ այն կողմ ոչինչ չե՞ս տեսնում,― վերևից բղավեց քահանան։ Դա զայրույթի ճիչ էր։ Միաժամանակ մի մարդու ճիչ, որ տեսնում էր մեկի ընկնելը և, որովհետև անձամբ սարսափած էր, աղաղակում էր առանց մտածելու, չցանկանալով։
Երկուսն էլ երկար լռեցին։ Ամբիոնից ներքև տարածված մթության մեջ քահանան, իհարկե, չէր կարող պարզ տեսնել Կ֊ին, մինչդեռ Կ֊ն լավ տեսնում էր փոքր լամպի տակ կանգնած կրոնավորին։ Ինչո՞ւ ներքև չէր իջնում։ Նա, ախր, քարոզ չկարդաց, այլ մի քանի բան հայտնեց, որոնք՝ եթե ուշադրություն դարձնելու լինեին, հնարավոր է, որ ավելի շուտ վնասեին Կ֊ին, քան օգուտ տային։ Այնուամենայնիվ, Կ֊ն մտածում էր, թե չարժե կասկածել քահանայի բարի մտադրության վրա։ Բացառված չէր, որ բախտորոշ և ընդունելի խորհուրդ կտար․ իհարկե, ոչ թե՝ ինչպես ազդեին դատավարության ընթացքի վրա, այլ՝ ինչպես դուրս պրծներ, կամ՝ ինչպես ապրեր դատավարության ձեռնահասության շրջանակներից դուրս։ Այդպիսի հնարավորություն պետք է լիներ, և Կ֊ն հաճախ էր մտածել այդ մասին։ Իսկ եթե քահանան դրանցից տեղյակ չլիներ, ապա՝ թեև անձամբ դատարանի մարդկացից էր, եթե նրան խնդրեր, հավանաբար հայտներ և դա կաներ՝ անտեսելով այն հանգամանքը, որ Կ֊ն քննադատեց դատարանը, հոգևորականի քնքուշ էությանը դիպավ և նույնիսկ իր վրա բղավել ստիպեց։
― Չե՞ս ուզում ներքև իջնել։ Քարոզելու բան չկա։ Իջիր ինձ մոտ։
― Հիմա արդեն կարող եմ գալ,― ասաց քահանան։ Նա երևի զղջում էր, որ բղավեց։― Ես նախ պետք է որոշ տարածություն պահպանելով խոսեի քեզ հետ։― Լամբը կեռից հանելով, ասաց նա։― Թե չէ, հեշտ եմ ազդեցության տակ ընկնում և մոռանում եմ անելիքս։
Կ֊ն ներքևում նրան էր սպասում։ Քահանան իջնելիս՝ արդեն վերևի աստիճաններից Կ֊ին պարզեց ձեռքը։
― Ժամանակ կունենա՞ս ինձ համար,― հարցրեց Կ֊ն։
― Ինչքան որ պետք է քեզ,― պատասխանեց քահանան և փոքր լամպը պարզեց, որ Կ֊ն վերցնի․ նույնիսկ այդքան մոտիկ՝ նրա վեհությունը չէր կորչում։
― Դու շատ սիրալիր ես իմ հանդեպ։― Մութ կողմնային նավում նրանք կողք֊կողքի ետուառաջ էին քայլում։ ― Դու դատարանի մարդկանց մեջ բացառություն ես։ Իմ վստահությունն առ քեզ ավելի մեծ է, քան մինչև այժմ ունեցած բազմաթիվ ծանոթներից որևէ մեկի հանդեպ։ Քեզ հետ կարող եմ անկեղծ խոսել։
― Չսխալվես,― ասաց քահանան։
― Ո՞ր հարցում կարող եմ սխալվել։
― Դատարանի։ Օրենսգրքի ներածականում ասված է այդ սխալի մասին․ «Օրենքի դարպասները մի պահապան է հսկում։ Նրա մոտ երկրաբնակ մի այր է գալիս և օրենքի տիրույթը մուտք գործելու թույլտվություն է խնդրում։ Բայց պահապանը պատասխանում է, որ այժմ չի կարող նրան ներս թողնել։ Այրը մտածում է և հարցնում՝ արդյոք ավելի ուշ կարելի կլինի՞ մտնել։ «Հնարավոր է,― ասում է պահապանը։― Բայց ոչ հիմա»։ Եվ որովհետև տարածքի դարպասը, ինչպես միշտ, բաց էր, և պահապանը մեկդի էր կանգնել, մարդը՝ դարպասի միջով ներս նայելու համար, կռանում է։ Այդ բանը նկատելով, պահապանը ծիծաղում է և ասում․ «Եթե այդքան հետաքրքիր է քեզ, փորձիր իմ մերժումն անտեսելով մտնել, իմացիր, սակայն, որ ես հզոր եմ, բայց և ամենափոքր պահապանն եմ միայն։ Սրահից սրահ մուտքերի մոտ ավելի հզոր ու ազդեցիկ պահապաններ են կանգնած։ Արդեն երրորդի հայացքին ես ինքս չեմ կարող դիմանալ»։ Երկրաբնակ այրը նման դժվարություններ չէր սպասում։ Նա մտածել էր, թե օրենքը բոլորի համար է, և միշտ պետք է մատչելի լինի։ Այժմ, երբ ուշադիր է նայում մորթե մուշտակ հագած պահապանին, տեսնում է նրա երկար, սուր քիթը, սև, երկար և բարակ թաթարական մորուքը, որոշում է, որ ավելի լավ է մինչև ներս մտնելու թույլտվություն ստանալը սպասի։ Պահապանը նրան աթոռակ է տալիս և կարգադրում է դռնից փոքր֊ինչ հեռու նստել։ Այնտեղ նա նստում է օրեր և տարիներ, ներս մտնելու բազմաթիվ փորձեր է անում և պահապանին հոգնեցնում է իր խնդրանքներով։ Պահապանը երբեմն կարճատև հարցաքննություններ է անցկացնում, հետաքրքրվում է նաև հայրենիքով և ուրիշ շատ բաներով (դրանք հենց այնպես տրված հարցեր էին, ինչպես միայն մեծ պարոններն են տալիս) և վերջում ասում է շարունակ, որ առայժմ չի կարելի ներս մտնել։ Ճանապարհ ընկնելուն լավ նախապատրաստված մարդը ամեն ինչ՝ նույնիսկ ամենաթանկարժեք բաները, օգտագործում է պահապանին կաշառելու համար, վերջինս՝ թեև վերցնում է տվածները, բայց միաժամանակ ասում է․ «Ես սոսկ այն պատճառով եմ վերցնում, որ չմտածես, թե որևէ հնարավորություն չես օգտագործել»։ Երկար տարիների ընթացքում երկրաբնակ այրը համարյա ամեն օր անդադար հետևում է պահապանին։ Նա մոռանում է մյուսների գոյությունը, և թվում է, թե այս պահապանն է օրենքի տարածքը մտնելու խանգարող միակ խոչընդոտը։ Առաջին տարիներին նա բարձրաձայն անիծում է անհաջող պատահականությունը, իսկ երբ ծերանում է, միայն մրթմրթում է ինքնիրեն։ Նա երեխայական հատկանիշներ է ձեռք բերում և, որովհետև պահապանին երկար տարիներ ուսումնասիրելուց հետո անգամ նրա մուշտակի մորթու ոջիլներին է ճանաչում, նրանց խնդրում է, որ օգնեն և տարհամոզեն պահապանին։ Վերջում նրա տեսողությունը թուլանում է, և նա չի հասկանում՝ արդյոք շուրջը գնալով մթնո՞ւմ է իրոք, թե՞ միայն իր աչքերն են դավաճանում, ու մթության մեջ՝ օրենքի դռներից առկայծող լույսի շող է տեսնում։
Շուտով նա մահանում է։ Մահից առաջ՝ սպասելու ընթացքում կուտակված փորձը նրա մեջ մի հարցի է վերածվում, որ նա մինչ այդ դեռ չէր տվել։ Եվ որովհետև հասակների տարբերությունը ոչ հօգուտ երկրաբնակ այրի էր փոխվել, ու նա այլևս չէր կարողանում ուղղել փայտացած մարմինը, նշան է անում, որ պահապանը կռանա։ «Հիմա՞ ինչ ես ուզում իմանալ,― հարցնում է վերջինս։― Դու ոչնչով չես բավարարվում»։ «Ախր բոլորը դեպի օրենքն են ձգտում,― ասում է մեռնողը։― Այդ ինչպե՞ս եղավ, որ այսքան տարի ինձնից բացի ոչ ոք ներս մտնելու իրավունք չպահանջեց»։ Պահապանը նկատում է, որ մարդը մեռնում է, և նրա թուլացող լսողությանը հասանելի դարձնելու համար ականջի տակ բղավում է․ «Այստեղ ուրիշ ոչ ոք չէր կարող մուտքի իրավունք ստանալ, որովհետև սա միայն քեզ համար էր նախատեսված։ Ես այժմ կգնամ ու կփակեմ»։
― Ուրեմն պահապանը խաբե՞լ էր մարդուն։― Պատմությունը խիստ հետաքրքրել էր Կ֊ին։
― Մի շտապիր և առանց ստուգելու ուրիշի կարծիքին մի հավատա։ Ես քեզ բառ առ բառ այնպես պատմեցի, ինչպես գրված էր։ Խաբելու մասին այստեղ խոսք չկար։
― Բայց հասկացվում է, և քո առաջին բացատրությունը շատ ճիշտ էր։ Պահապանը միայն այն ժամանակ է հայտնում փրկարար տեղեկությունը, երբ դա այլևս պետք չէր մարդուն։
― Բայց մարդը դրանից շուտ ոչինչ չհարցրեց։ Հիշիր նաև, որ նա պարզապես պահապան էր և որպես այդպիսին՝ կատարեց իր պարտըք։
― Ինչո՞ւ ես կարծում, թե պարտքը կատարեց։ Չկատարեց։ Գուցե նրա պարտականությունը բոլոր օտարներին մերժելն էր, բայց այդ մարդուն՝ ում համար նախատեսված էր մուտքը, պարտավոր էր թողնել։
― Դու այնքան էլ չես հարգում գիրքը և փոխակերպում ես իմաստը։ Այս պատմությունը օրենքի տարածք ներս թողնելու մասին պահապանի երկու կարևոր բացատրությունն է պարունակում։ Մեկը՝ սկզբում, մյուսը՝ վերջում։ Նրանցից մեկն ասում է, թե այժմ չի կարող թույլ տալ, որ մտնի, մյուսը՝ որ այս մուտքը միայն իր համար է նախատեսված։ Եթե երկու բացատրությունների միջև հակասություն լիներ, դու արդարացի կլինեիր, և պահապանը խաբած կլիներ մարդուն։ Սակայն ոչ մի հակասություն չկա։ Ընդհակառակը, առաջին բացատրությունն ինչ֊որ չափով նույնիսկ երկրորդի նախագուշակն է։ Կարելի է ասել անգամ, որ, այդ մարդուն ապագայում ներս մտնելու հնարավորություն խոստանալով, պահակը խախտում է իր պարտականությունը։ Այն ժամանակ նրա պարտքը կարծես միայն մարդուն մերժելն էր, և իրականում, գրի շատ մեկնիչներ զարմանում են, որ պահապանը ընդհանարպես ակնարկել է ապագայի մասին, որովհետև նա ճշմարտասեր մարդու տպավորություն է թողնում և խիստ ուշադիր է իր գործում։ Նա երկար տարիներ ոչ մի անգամ չի լքում իր կետը և վերջում ընդհանրապես փակում է դարպասը։ Նա լավ է հասկանում իր գործի կարևորությունը։ «Ես հզոր եմ»։ ― Ասում է նա։ Նա ակնածանք ունի իր վերադասի հանդեպ, որովհետև ասում է․ «Ես ամենափոքր պահապանն եմ միայն»։ Նա բացբերան չէ, որովհետև, ինչպես ասվում է, այդքան տարվա ընթացքում միայն հենց այնպես ասված հարցեր է տալիս։ Նրան չի կարելի կաշառել, որովհետև նվերի մասին նա ասում է․ «Վերցնում եմ, որ չմտածես, թե որևէ հնարավորություն բաց ես թողել»։ Երբ խոսքը պարտքը կատարելու մասին է, նրան ոչ կարելի է հուզել, ոչ՝ խնդրել, որովհետև երկրաբնակի մասին ասվում է․ «Նա պահապանին հոգնեցրեց իր խնդրանքներով»։ Ի վերջո, պահապանի արտաքինը ևս ցույց է տալիս նրա մանրախնդիր բնավորությունը․ մեծ, սուրծայր քիթ և սև, բարակ֊երկար թաթարական մորուք։ Նման պարտաճանաչ պահապան կարո՞ղ է լինել։ Դե, պահապանի բնավորության մեջ ուրիշ գծեր էլ են երևում, որոնք մուտքի իրավունք հայցողին շատ ձեռնտու են և հասկացնել են տալիս, որ պահապանը՝ ապագա հնարավորության մասին ակնարկելով, կարող էր թեթևակի խախտել իր պարտականությունը։ Ի դեպ, չի կարելի ժխտել նաև, որ նա մի փոքր պարզամիտ է և դրա հետ կապված՝ փոքր֊ինչ պարծենկոտ։ Նույնիսկ եթե իր և մյուս պահապանների ազդեցիկության, նրանց՝ իր խոսքերով ասած, անտանելի հայացքների մասին արված արտահայտությունները, կրկնում եմ, նույնիսկ եթե արտահայտւթյունները ըստ էության ճիշտ լինեին, ապա դրանց ասելու ձևը հենց ցույց է տալիս, որ պարզամտությունն ու ամբարտավանությունը մթագնել են նրա գիտակցությունը։ Այդ առիթով մեկնիչներն ասում են․ «Միևնույն բանի ճիշտ և սխալ ըմբռնումը լրիվ չեն բացառում իրար»։ Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ ինչքան էլ աննշան արտահայտված լինեն, այդ պարզամտությունն ու անբարտավանությունը թուլացնում են մուտքի հսկողությունը․ դրանք պահապանի բնավորության թերի կողմերն են։ Անհրաժեշտ է ավելացնել նաև, որ պահապանը ի ծնե մարդամոտ է թվում, նա անպայման ոչ միշտ է պաշտոնյա։ Հենց առաջին իսկ պահին կատակում է, չնայած ուժի մեջ գտնվող որոշակի արգելքին ներս մտնել է հրավիրում, և հետո՝ նրան հեռու չի ուղարկում, այլ, ինչպես գիրն է ասում․ «տալիս է մի աթոռակ և թույլատրում դռնից մի փոքր հեռու նստել»։ Համբերությունը, որով նա է այդքան ժամանակ դիմանում մարդու խնդրանքներին, կարճատև հարցաքննությունները, նվերներ վերցնելը, իրեն մուտքի պահապան կարգող անբարենպաստ պատահականությանն ուղղված անեծքներն իր իսկ ներկայությամբ թույլ տալու վեհանձնությունը, այս ամեն թույլ են տալիս կարեկցանքի դրսևորում համարել։ Ոչ բոլոր պահապաններն այդպես կվարվեին։ Եվ վերջում նա մի բան էլ խոնարհվում է՝ մահամերձի արած նշանին ենթարկվելով, վերջին հարցն ուղղելու հնարավորություն է տալիս երկրաբնակին։ Մեկ֊մի անգամ է անհամբերության թույլ երանգ (պահապանը հասկանում է, որ ամեն ինչ վերջացավ) զգացվում նրա խոսքերում․ «դու չես բավարարվում»։ Ոմանք ավելի հեռու են գնում իրենց մեկնություններում և այն կարծիքն են հայտնում, թե «դու չես բավարարվում» խոսքերը ինչ֊որ մտերմիկ զարմանք են արտահայտում։ Ինչ ուզում է լինի, պահապանի կերպարն այսպես լրիվ ուրիշ կողմից է դրսևորվում, քան դու ես կարծում։
― Դու պատմությունն ավելի շուտ ես իմացել և ավելի լավ գիտես, ― ասաց Կ֊ն։ Նրանք մի պահ լռեցին, հետո Կ֊ն հարցրեց։― Ուրեմն դու կարծում ես, թե մարդը խաբված չէր։
― Ինձ սխալ չհասկանաս։ Ես միայն գրի մասին եղած կարծիքներն եմ ներկայացնում։ Դու կարծիքներին չպետք է շատ ուշադրություն դարձնես։ Գիրն անփոփոխ է, իսկ կարծիքները հաճախ միայն դրա հանդեպ ունեցած կասկածանքների արտահայտություններն են։ Այդ առումով նույնիսկ տեսակետ կա, ըստ որի հենց պահապանն է խամբվածը։
― Շատ ընդհանուր տեսակետ է։ Ինչպե՞ս է հիմնավորվում։
― Դրա հիմնավորումը պահապանի պարզամտությունից է գալիս։ Ասում են, թե նա օրենքի էությունը չգիտե, այլ գիտե միայն դեպի այն տանող ճանապահրը, որ շարունակ մուտքի մոտ է ոտքի տակ տալիս։ Էության մասին ունեցած պատկերացումները մանկական են համարվում, և ենթադրվում է, թե այն բանից, ինչով որ նա ուզում է երկրաբնակին վախեցնել, հենց ինքն է վախենում։ Այո, նա ավելի շատ է վախենում, քան մարդը, քանզի վերջինս թեկուզև լսել է ներսում գտնվող սարսափելի պահակների մասին, ներս մտնելուց բացի, ուրիշ ոչինչ չի ուզում։ Ի տարբերություն երկրաբնակի՝ պահապանը չի ուզում ներս մտնել․ այդ մասին գոնե ոչինչ չի ասվում։ Մյուսներն ասում են, թե նա պետք է որ ներսում եղած լինի, որովհետև նրան երբէև ծառայության են ընդունել օրենքի մոտ, իսկ դա կարող է միայն ներսում եղած լինել։ Դրան կարելի է առարկել․ հնարավոր է նրան ձայն են տվել ներսից և պահապան կարգել, բայց նա այնքան էլ խորը գնացած չէր լինի, որովհետև արդեն երրորդ պահապանի հայացքին չի կարողացել դիմանալ։ Դրանից բացի, չի ասվում, թե այդքան տարիների ընթացքում պահապանների մասին արված առաջին հիշատակումից բացի, որևէ այլ բան պատմած լիներ ներսի մասին։ Գուցե արգելել են նրան, բայց արգելքի մասին նույնպես ոչինչ չի ասվում։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նա չգիտե, թե ինչպիսին է ներսը, նրա նշանակությունը, և այդ մասին սխալ կարծիք ունի։ Բայց պահապանը պետք է որ նաև երկրաբնակի մասին սխալ կարծիքի լինի, որովհետև ենթարկվում է նրան և չգիտե դա։ Որ ինքն այդ մարդու հետ որպես ենթակա անձ է խոսում, շատ բաներից է երևում։ Դու պետք է որ հիշես դրանք, իսկ որ իրականում ենթակա է, հենց այս տեսակետից պետք է ավելի ցայտուն երևա։ Ամենից առաջ ինքնիրշխանն է ենթարկվում ոչ ազատ մարդուն։ Երկրաբնակ այրը իսկապես ազատ֊ինքնիշխան մարդ է, ուր ուզի՝ կարող է գնալ, միայն օրենքի տարածքը մուտք գործելն է արգելված, և արգելողը մի հոգի է՝ պահապանը։ Երբ նա դարպասից մի կողմ քաշված նստում է աթոռակի վրա և ողջ կյանքը մնում է այնտեղ, դա կամավոր է տեղի ունենում․ բռնության մասին ոչ մի խոսք չկա գրի մեջ։ Դրան հակառակ՝ պահապանը ի պաշտոնե կապված է իր կետի հետ, իրավունք չունի դուրս գալ և, ամեն ինչից դատելով, ներս գնալու իրավունք էլ չունի, եթե անգամ ուզենա։ Դրանից բացի, թեև նա օրենքին է ծառայում, բայց միայն մուտքի համար է նրա ծառայությունը, ուրեմն՝ նաև այն մարդու համար, ում համար նախատեսված է մուտքը։ Նաև այս պատճառով է պահապանը նրան ենթակա։ Կարելի է ենթարդել, որ երկար ժամանակ՝ մարդու մի ամբողջ տարիք, պահապանի ծառայությունը դատարկ զբաղմունք է եղել, որովհետև ասվում է «մի այր եկավ», այսինքն՝ մեկը՝ տղամարդու տարիքում, և որ պահապանը ստիպված էր երկար սպասել, մինչև իր գործը նպատակային դառնար։ Ու թեև պետք է այդքան երկար սպասեր, մինչև երկրաբնակ այրը գալ բարեհաճեր, վերջինս, այնուամենայնիվ, իմ կամքով եկավ։ Ծառայության ավարտն ևս այդ մարդու մահով է վավերացվում։ Ուրեմն, պահապանը մինչև վերջ երկրից եկածին ենթակա է մնում, և շարունակ նշվում է, որ կարծես ոչինչ տեղյակ չէ դրանից։ Այստեղ արտասովոր ոչինչ չկա, որովհետև ըստ այս տեսակետի, պահապանը ավելի ծանր մոլորության մեջ է, և դա նրա ծառայությանն է վերաբերում։ Վերջում նա մուտքի մասին է խոսում և ասում է․
― Հիմա կգնամ և կփակեմ։
Մինչդեռ սկզբում ասվում է, որ օրենքի դարպասը, ինչպես միշտ, բաց էր։ Այն միշտ բաց է, միշտ, այսինքն՝ անկախ այն մարդու կյանքի տևողությունից, ում համար որ նախատեսված էր եղել, և որ պահապանը երբեք չէր կարողանա փակել։ Այս հարցում կարծիքները բաժանվում են․ արդյոք պահապանը, ասելով, թե դարպասը կփակի, պատասխանե՞լ է միայն, ի պաշտոնե իր պարտականությո՞ւնն է շեշտել, թե՞ երկրբնակին վերջին պահին անգամ տրտմության և ապաշխարանքի մեջ գցել է ցանկացել։ Իսկ մի կետում բոլորը նույն կարծիքի են․ նա չի կարողանա փակել դարպասը։ Մեկնիչները նույնիսկ կարծում են, որ պահապանը՝ գոնե վերջում, իր իմացության հարցում ևս ենթակա է երկրաբնակին, քանզի վերջինս տեսնում է օրենքի մուտքի ժայթքող շողը, մինչդեռ պահապանը՝ որպես այդպիսին, դարպասի դիմաց մեջքով է կանգնած և ոչ մի բառով ցույց չի տալիս, թե ինքը որևէ փոփոխություն նկատել է։
― Լավ է հիմնավորված,― ասաց Կ֊ն։ Նա հոգևորականի բացատրության որոշ հատվածներ կիսաձայն կրկնում էր ինքնիրեն։― Լավ է հիմնավորված, և ես էլ եմ կարծում, որ պահապանը խաբված է։ Դրանով հանդերձ, իմ նախկին կարծիքից չեմ հեռանում, որովհետև երկուսն էլ մասամբ են համապատասխանում։ Հասնակալի չէ․ պահապա՞նն է ամեն ինչ լավ տեսնում, թե՞ նա է խաբվածը։ Ասացի՝ երկրաբնակին են խաբում։ Եթե պահապանը լավ տեսներ, կարելի էր կասկածել դրանում, սակայն, երբ պահապանն է խաբվում, ապա մոլորությունը անպայման անհրաժեշտ է տղամարդուն վերագրել։ Թեև պահապանը խաբեբա չէ, բայց այնքան պարզամիտ է, որ պետք է անմիջապես վտարված լիներ ծառայությունից։ Անհրաժեշտ է այն մասին մտածել, որ պահապանի մոլորությունը իրեն չի վնասում, մինչդեռ տղամարդուն՝ հազարապատիկ։
― Այստեղ դու հակադրվող տեսակետի ես բախվում,― ասաց քահանան։― Ոմանք ասում են, օրինակ, որ գիրը պահապանի մասին դատելու իրավունք չի տալիս ոչ մեկին։ Մենք ինչ էլ որ մտածելու լինենք, նա, ախր, օրենքի ծառա է, հետևաբար՝ օրենքին է պատկանում և հեռու է մարդկանց դատից։ Հետո չի կարելի նաև մտածել, թե պահապանը երկրաբնակի հպատակն է։ Ծառայության բերումով թեկուզ օրենքի մուտքի մոտ կանգնած լինելն անհամեմատ ավելի մեծ բան է, քան աշխարհում ազատ լինելը։ Երկրաբնակը նոր է գալիս օրենքի մոտ, իսկ պահապանն արդեն այնտեղ է։ Օրենքը նրան ծառայության է նշանակել, նրա արժանապատվության կասկածել՝ ասել է, թե օրենքին կասկածել։
― Ես այդ տեսակետին համամիտ չեմ։― Գլուխը տարուբերելով առարկեց Կ֊ն։― Եթե համաձայնելու լինենք, պետք է պահապանի ասած ամեն մի բառը ճշմարտություն համարենք, իսկ որ դա անհնար է, ինքդ հիմնավորեցիր։
― Պետք է ամեն ինչ ոչ թե ճիշտ համարել, այլ՝ անհրաժեշտ։
― Մռայլ տեսակետ է,― ասաց Կ֊ն։― Կեղծիքը կտիրի աշխարհը։
Կ֊ն այս խոսքերը վերջում ասաց․ բայց սա նրա վերջնական կարծիքը չէր։ Պատմության բոլոր հետևությունները մի հայացքով ընդգրկելու համար նա հոգնած էր, պատմության էության մեջ խորացնող մտքերն ևս անսովոր էին, վերացական, քննարկման նյութ լինելու համար ավելի բնորոշ էին դատարանի պաշտոնյաներին, քան իրեն։ Այդ պարզ պատմությունը անհարթ էր դարձել, նա ուզում էր թոթափել իրենից, իսկ քահանան այժմ նրբանկատություն ցուցաբերեց, համբերեց ու անձայն ընդունեց Կ֊ի տեսակետը, թեև այն հաստատ չէր համապատասխանում սեփականին։ Նրանք շարունակեցին որոշ ժամանակ լուռ քայլել։ Կ֊ն՝ առանց գիտենալու, թե որտեղ է գտնվում, լավ մոտ էր կանգնել քահանային։ Նրա ձեռքում լամպը հանգել էր վաղուց։ Սրբերից մեկի արծաթե արձանը մի անգամ արծաթ փայլով պսպղաց և իսկույն ձուլվեց մութի հետ։ Ամբողջովին քահանայից կախման մեջ չլինելու համար Կ֊ն հարցրեց․
― Գլխավոր մուտքին մոտ չե՞նք արդյոք։
― Ոչ,― ասաց քահանան։― Շատ հեռու ենք։ Դու գնա՞լ ես ուզում։
― Իհարկե։ Պետք է գնամ,― ասաց Կ֊ն, թեև այդ պահին ուրիշ բան էր մտածում։― Ես բանկերից մեկի հավատարմատարն եմ, ինձ սպասում են։ Ես այստեղ եկա միայն, որ արտասահմանյան մի պատվիրատուի ցույց տամ տաճարը։
― Դե, որ այդպես է, գնա։― Ասաց քահանան և պարզեց ձեռքը։
― Բայց ես չեմ կարող մթության մեջ մենակ կողմնորոշվել։
― Գնա ձախ՝ դեպի պատը, այնուհետև պատի երկարությամբ՝ առանց այն բաց թողնելու, և կհասնես ելքերից մեկին։
Հազիվ էր քահանան մի քանի քայլ հեռացել, երբ Կ֊ն բարձրաձայն կանչեց․
― Սպասի՛ր դեռ, խնդրում եմ։
― Լսում եմ։
― Դու իձնից ուրիշ ոչինչ չե՞ս ուզում։
― Ոչ։
― Քիչ առաջ այնքան լավ էիր իմ հանդեպ, ամեն ինչ բացատրեցիր, իսկ այժմ թողնում ես, կարծես ոչ մի նշանակություն չունեմ քեզ համար։
― Ախր, դու պետք է գնաս։
― Այո։ Դե հասկացիր այդ բանը։
― Նախ ի՛նքդ հասկացիր, թե ով եմ ես։
― Դու բանտի քահանան ես։― Կ֊ն ավելի մոտ գնաց քահանային։ Անմիջապես բանկ վերադառնալն այնքան էլ կարևոր չէր, ինչպես ինքն էր ներկայացնում։ Նա դեռ շատ հանգիստ կարող էր մնալ այստեղ։
― Հետևաբար, դատարանի կազմին եմ պատկանում։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ պետք է քեզնից ինչ֊որ բան ուզեմ։ Դատարանը ոչինչ չի ուզում քեզնից։ Նա ընդունում է քեզ, երբ գալիս ես, իսկ երբ գնում ես, բաց է թողնում։
Վերջ
Կ֊ի երեսունմեկամյա տարելիցի նախորդ երեկոյան (ժամը ինը կլիներ՝ երբ փողոցներում արդեն լռություն է տիրում) նրա բնակարանը երկու պարոն եկան։ Եկողները գույնը գցած, ճարպոտած սերթուկներով էին, տեսքից՝ կանգուն ցիլինդրներով։ Առաջին անգամ բնակարան ներս մտնելու կարճատև ձևականությունը ավելի լայն ծավալով կրկնվեց Կ֊ի սենյակի մոտ։ Թեև այցելության մասին Կ֊ին տեղյակ չէին պահել, նա՝ ոտքից գլուխ սև հագած, նստել էր դռան մոտ դրված բազկաթոռին և դանդաղ հագնում էր մատները կիպ գրկող նոր ձեռնոցները այնպիսի շարժուներով, ինչպես երբ հյուրերին են սպասում։ Նա իսկույն ոտքի կանգնեց և հետաքրքրված հայացքով նայեց պարոններին։
― Ուրեմն դուք իմ հետևի՞ց եք եկել։― Պարոնները գլխով արեցին, նրանցից մեկը ձեռքում բռնած ցիլինդրով ցույց տվեց մյուսին։
Կ֊ն ինքնիրեն խոստովանեց, որ ուրիշ այցելության էր սպասում։ Նա մոտեցավ պատուհանին ու մի անգամ ևս նայեց մութ փողոցին։ Փողոցի մյուս կողմում ևս համարյա բոլոր պատուհաններն արդեն մութ էին, շատերի վարագույներն՝ իջեցված։ Հարկաբաժնի լուսավորված պատուհաններից մեկի ճաղերի հետևում խաղացող երկու փոքրիկներ էին երևում, որ դեռևս անկարող լինելով տեղերից առաջ պարզվել, թաթիկներն էին պարզում իրար։
«Երկրորդական ու ծեր դերասաններ են ուղարկում իմ հետևից»։― Ինքնիրեն ասաց Կ֊ն և, իր կարծիքի մեջ համոզվելու համար, մեկ էլ շուրջը նայեց։― «Փորձում են հեշտությամբ մաքրել հաշիվները»։
― Դուք ո՞ր թատրոնում եք աշխատում։― Անսպասելիորեն պարոնների կողը շուռ գալով, հարցրեց Կ֊ն։
― Թատրո՞ն։― Կարծես խորհուրդ ստանալու ցանկությամբ կողքինին հարցրեց մեկը։ Նրա շուրթերի անկյունները թրթռացին։ Երկրորդ պարոնը քմահաճ մարմնի հետ կռիվ տվող համր մարդու նման էր պահում իրեն։
«Նրանք չէին սպասում, որ հարցեր կտամ»։― Մտածեց Կ֊ն ու գնաց գլխարկը վերցնելու։
Պարոններն արդեն աստիճանների վրա ուզեցին Կ֊ի թևերն ընկնել։
― Միայն փողոցում։ Ես հիվանդ չեմ։― Առարկեց նա։
Հենց դարպասի մոտ նրանք կախ ընկան Կ֊ի թևերից․ նա դեռ երբեք և ոչ մեկի հետ այդպես քայլած չկար։ Նրանք գալիս էին Կ֊ի հետևից՝ կիպ թիկունքին կպած, թևերը չէին ծալել, այլ ողջ երկարությամբ գալարի մեջ էին առել, իսկ ձեռքերը պահում էին սովոր, վարժ և դիմադրություն չընդունող բռնելաձևով։ Նրանց արանքում Կ֊ն ուղիղ ձգված էր քայլում։ Այդ պահին նրանք այնպիսի միասնություն էին ներկայացնում, որ եթե մեկին գետին գլորեին, երեքն էլ միասին կընկնեին։ Նման միասնության երևի միայն իրերն էին ընդունակ։
Որքան էլ դժվար էր, Կ֊ն լապտերների լույսի տակ բազմիցս փորձեց ավելի ուշադիր զննել ուղեկիցներին, որովհետև սենյակի կիսախավարում հնարավոր չէր եղել նրանց զանազանել։
«Սրանք երևի տենորներ են»։― Նրանց դոնդողանման կրկնակզակներին նայելով, մտածեց Կ֊ն։ Նա զզվանք էր զգում ուղեկիցների դեմքերի մաքրությունից։ Թվում էր, թե իսկապես տեսնում էր դրանք մաքրող ձեռքը, որ նրանց աչքերի անկյուններով էր սահել, շփել էր վերին շրթունքն ու քերել կզակի ծալքերը։ Այս բանը նկատելուց հետո Կ֊ն կանգ առավ, ուղեկիցները նույնպես կանգնեցին։ Նրանք կանգնել էին ամայի ու դատարակ հրապարակի եզրին։
― Ինչո՞ւ են հատկապես ձեզ ուղարկել։― Ավելի շուտ բղավեց, քան հարցրեց Կ֊ն։ Պարոններն իսկապես չգիտեին։ Նրանք թևերը կախ գցած սպասում էին։ Այդպես նրանք նման էին հիվանդի հանգստանալուն սպասող սանիտարների։
― Ես ոչ մի տեղ չեմ գա։― Կ֊ն այս արտահայտության ուժն էր ստուգում։ Պարոնները պատասխան տալու կարիքը չունեին, բավական էր, որ սեղմելը չթուլացնեին և փորձեցին տեղից շարժել Կ֊ին։ Վերջինս դիմադրեց։
«Ինձ այլևս շատ ուժ հարկավոր չի լինի։ Հիմա ես ողջ ունեցածս գործի կդնեմ»։― Մտածեց նա և պատկերացրեց խախուտ ոտիկներով սոսնձաթղթից պոկվել ձգտող ճանճերին։― «Պարոնների գործը դժվար կլինի»։
Այդ պահին ավելի խորն ընկած փողոցի ցածր աստիճաններով նրանց աչքի առաջ հրապարակ բարձրացավ ֆրոյլայն Բյուրստները։ Կ֊ն հաստատ համոզված չէր, թե նա է․ նմանությունը շատ մեծ էր։ Բայց Կ֊ի համար կարևոր էլ չէր՝ օրիորդը իրո՞ք ֆրոյլայն Բյուրստներն էր, թե՞ ոչ։ Պարզապես նա այդ պահին գիտակցեց դիմադրության ողջ անիմաստությունը։ Հերոսական ոչ մի բան արած չէր լինի, եթե դիմադրեր այժմ և պարոնների գործը դժվարացներ, եթե պաշտպանվելով փորձեր կյանքի վերջին րոպեները վայելել։ Կ֊ն շարժվեց տեղից, և այդ քայլի՝ պարոններին պատճառած ուրախությունը ինչ֊որ չափով իրեն էլ համակեց։ Նրանք թողեցին, որ Կ֊ն ընտրի ճանապարհը, իսկ նա գնաց այն ճանապարհով, որ իրենցից առաջ օրիորդն էր անցել։ Հասնելու ձգտումը չէր պատչառը, ոչ էլ ուզում էր հնարավորին չափ երկար նայել նրան․ պարզապես չէր ուզում մոռանալ այն նախազգուշացումը, որ իր համար կարող էր նշանակել օրիորդը։
«Այժմ հնարավոր միակ բանը»,― մտածեց Կ֊ն և ուղեկիցների ու իր քայլերի համաչափությունը հաստատեց նրա միտքը, «միակ բանը, որ կարող եմ անել, մինչև վերջ հանգիստ մտածելու ունակությունը պահպանելն է։ Ես միշտ ուզել եմ, այնքան էլ հավանության չարժանացած նպատակով, քսան ձեռքանի դարձած, ներխուժել աշխարհ։ Դա էր իմ սխալը։ Արժե՞ ցույց տալ, որ մի տարի տևած դատավարությունը չի կարողացել խելքի բերել ինձ։ Արժե՞ անխելք մարդու մահով ավանդել հոգին։ Թույլ տա՞մ, որ ինձնից հետո ասեն, թե դատավարության սկզբում ձգտում էի վերջացնել այն, իսկ ավարտին մոտ նորից եմ ուզում սկսել։ Պետք չէ։ Շնորհակալ եմ, որ այս ճանապարհի համար նման սակավախոս, անհասկացող պարոնների են ուղարկել և հենց ինձ են թողել նույնիսկ ամենակարևոր բաներն ինձ ասելու խնդիրը»։
Այդ ընթացքում օրիորդն ուրիշ նրբանցք էր թեքվել, բայց Կ֊ն այժմ կարող էր առանց նրա յոլա գնալ, և ամեն ինչ թողեց ուղեկիցների հայեցողությանը։ Երեքով, խմբովին՝ աննշան շարժումից իսկ փոխադարձաբար իրար հասկանալով, անցան լուսնի լույսով լուսավորված կամուրջը։ Կ֊ի ամեն մի շարժմանը պանոնները պատրաստակամ հետևում էին, և երբ նա թեթևակի շուռ եկավ բազրիքի կողմը, նրանք ևս ամբողջ ճակատով շրջվեցին։ Լուսնի լույսի տակ փայլող ու թրթռացող ջուրը ճեղքվելով օղակի մեջ էր առել իրար վրա կուտակված ծառերով ու թփերով ծածկված կղզյակը։ Կամրջի տակով խիճե ճանապարհներ էին ձգվում՝ եզրերի հարմարավետ նստարաններով։ Հիմա չէին երևում։ Ամառներ էին եղել, որ Կ֊ն մեկնվել էր դրանց վրա։
― Ես բնավ չուզեցի կանգնել։― Ուղեկիցների պատրաստակամությունից ամաչելով, խոսեց Կ֊ն։ Թվաց, թե պահակներից մեկը Կ֊ի թիկունքում մեղմ նախատեց մյուսին՝ սխալ հասկացած կանգառի համար, և շարունակեցին իրենց ճանապարհը։
Նրանք անցան դարնիվեր ելնող մի քանի փողոցներով, ուր մեկ՝ հեռվում, մեկ՝ շատ մոտիկ ոստիկաններ էին կանգնած կամ ետուառաջ էին քայլում։ Նրանցից մեկը՝ գզուզ բեղերով, ձեռքը թրի կոթին դրած, անորոշ մտադրությամբ մոտ եկավ այնքան էլ վստահություն չներշնչող խմբին։ Ոստիկանն արդեն ուզում էր բացել բերանը, երբ Կ֊ն ուժող առաջ քաշեց ուղեկիցներին։ Նա զգուշանալով շուտ֊շուտ ետ էր նայում․ արդյոք ոստիկան չէ՞ր հետևում, և երբ փողոցի անկյունն անցան, սկսեց վազել։ Չնայած շնչարգելությանը, պարոններն էլ պետք է վազեին։
Այդպես նրանք արագ դուրս եկան այն ուղղությամբ, ուր քաղաքին համարյա անմիջապես դաշտերն էին հաջորդում։ Քաղաքի տներին բնորոշ գծերով կառուցված մի շինության մոտ փոքր ու ամայի քարհանք կար։ Այստեղ պարոնները կանգ առան, և կանգառն այն տպավորությունը թողեց, թե հենց սկզբից նրանց նպատակակետը քարհանքն է եղել, որ առաջ գնալու համար արդեն չափազանց հոգնած են։ Նրանք բաց թողեցին լուռ սպասող Կ֊ին, ցիլինդրները վերցրեցին ու, թաշկինակներով ճակատների քրտինքը չորացնելուն զուգընթաց, զննեցին քարհանքը։ Շուրջը լուսավորված էր սոսկ լուսնին բնորոշ բնականությամբ ու անդորրով։
Առաջադրանքի հաջորդ կետի իրականացման առաջնությունը քաղաքավարի իրար զիջելուց հետո (հանձնարարությունը պարոններին երևի առանց դերաբաշխման էին տվել) նրանցից մեկը մոտեցավ Կ֊ին, հագից հանեց պիջակը, ժիլետը, վերջում՝ վերնաշապիկը։ Ակամա սարսուռ անցավ Կ֊ի մարմնով, և պարոնը՝ հանգստացնելով, թփթփացրեց նրա թիկունքին, հետո բծախնդրությամբ դասավորեց Կ֊ի շորերը։ Դրանք կարծես իրեր լինեին, որ, եթե ոչ մոտ օրերս, ապա ընդհանրապես, դեռ պետք կգային։ Գնալով ավելի սառը դարձող գիշերվա օդում անշարժ կանգնած չթողնելու համար նա թևի տակ առավ Կ֊ին և մինչև մյուսը քարհանքի մեջ հարմար տեղ էր փնտրում, երկուսով այդպես ետուառաջ էին քայլում։ Երբ ներքևի պարոնը տեղը գտավ՝ (որմնաքարի պարսպի մոտ էր, այնտեղ մի ջարդված քար էր ընկած) նշան արեց, և վերևում կանգնածը Կ֊ին ներքև ուղեկցեց։ Պարոնները նրան նստեցրին գետնին, հենեցին քարին ու գլուխը հպեցին վրան։ Չնայած երկուսի ջանքերին ու Կ֊ի ցուցաբերած պատրաստակամությանը, դիրքը շատ անբնական ու տարակուսելի մնաց։ Հետո մեկը մյուսին խնդրեց մի պահ իրեն թողնել Կ֊ին պառկեցնելու գործը, բայց վիճակը նորից չփոխվեց։ Ի վերջո նրանք Կ֊ին մի այնպիսի դիրքով թողեցին, որ բնավ էլ լավագույնը չէր մինչայժմյաններից։ Հետո մեկը քանդեց սերթուկի կոճակները, ժիլետի վրա կապած գոտուց կախ ընկած պատյանից հանեց մսագործի բարակ, երկյսայրի դանակը, վեր պահեց ու լույսի տակ ստուգեց սրությունը։ Զզվելի ձևականությունները նորից սկսվեցին․ դանակը Կ֊ի վրայով պարզում էին իրար և փոխնիփոխ իրար զիջում։ Կ֊ն լավ գիտեր, որ այժմ, երբ դանակն իր գլխի վրայով սրա֊նրա կողմն էր գնում֊գալիս, իր պարտքը կլիներ, եթե վերցներ ու ինքնիրեն խողխողեր։ Բայց չարեց, այլ շրջեց գլուխը (դեռ ազատ էին թողել) և շուրջը նայեց։
Նա չէր կարողացել գործի մեջ ամբողջվին արդարացնել իրեն, չէր կարողացել իշխանությունների բոլոր գործերն իր վրա վերցնել, և վերջին սխալի համար պատասխանատվությունն այն մարդն էր կրում, ով չէր տրամադրել արդարացման համար անհրաժեշտ աջակցության մյուս մասը։ Նրա հայացքն ընկավ քարհանքի հարևանությամբ շինված տան վերջին հարկին։ Պատուհաններից մեկից կարծես լույս ժայթքեց․ փեղկերը ետ գնացին, հեռու՝ վերևում, թույլ ու հազիվ երևացող մի մարդ թափով առաջ կախվեց և ավելի առաջ պարզեց ձեռքերը։ Ո՞վ էր նա։ Բարեկա՞մ, բարի մա՞րդ, կարեկցո՞ւմ էր։ Այդ մարդն օգնե՞լ էր ուզում։ Մի՞ մարդ էր, թե՞ բոլորն էին։ Դեռ հնարավո՞ր էր օգնել։ Մոռացության մատնված փաստարկնե՞ր կային։
Իհարկե, կային։ Թեև տրամաբանությունն անսասան է, բայց ապրել ուզեցող մարդուն չի հակառակվի։ Ո՞ւր էր դատավորը, ում Կ֊ն այդպես էլ չտեսավ, ո՞ւր էր գերագույն դատարանը, որին այդպես էլ չհասավ գործը։ Նա բարձրացրեց ձեռքերն ու չռեց մատները։
Մինչև պարոններից մեկը դանակը խորը խրեց Կ֊ի սիրտն ու երկու անգամ պտտեցրեց, մյուսը ձեռքերն օղակել էր կոկորդի շուրջ։ Կ֊ի կուլ գնացող աչքերը տեսան, թե ինչպես էին պարոնները քիթ֊քթի տված կռացել իր դեմքի վրա ու հոգեվարքին էին հետևում։
― Շան նման։― Ասաց նա, կարծես խայտառակությունն իրենցի շատ ավելի երկար էր ապրելու։