«Թիթեղյա թմբուկը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Ոզնի)
 
(7 intermediate revisions by one other user not shown)
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր = [[«Թիթեղյա թմբուկը»]]
 
|աղբյուր = [[«Թիթեղյա թմբուկը»]]
 
}}
 
}}
{{անավարտ}}
 
  
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
Տող 4471. Տող 4470.
  
 
Ես՝ Օսկարս, լքեցի քույր Դորոթեայի սենյակը, սակայն նախքան հեռանալս, խլեցի քառասուն մոմանոց լամպի լույսը, որն իմ այցելության ամբողջ ժամանակ հետևում էր ինձ։
 
Ես՝ Օսկարս, լքեցի քույր Դորոթեայի սենյակը, սակայն նախքան հեռանալս, խլեցի քառասուն մոմանոց լամպի լույսը, որն իմ այցելության ամբողջ ժամանակ հետևում էր ինձ։
 +
 +
 +
===Կլեփ===
 +
 +
 +
Ահա ևս ես կանգնել էի միջանցքում, իմ դրամապանակի մեջ պահպանում էի բաց գույնի մազերի փնջիկը, մեկ վայրկյանի չափ ձգտում էի կաշվի կոստյումի աստառի, բաճկոնի, վերնաշապկի միջով զգալ այդ փնջիկը, սակայն չափազանց հոգնել էի և այն կարգի տարօրինակ տխուր երանգով էի բավարարված, որ անկարող էի իմ կողմից սենյակից դուրս բերված ավարի մեջ տեսնել ավելին, քան սովորական խծուծներ, որոնք յուրաքանչյուր սանրի վրա կարելի է գտնել։
 +
 +
Օսկարը այժմ միայն ինքն իրեն խոստովանեց, որ այլ գանձերի ետևից էր եկել։ Չէ՞ որ գտնվելով քույր Դորոթեայի սենյակում ես ուզում էի ինքս ինձ ապացուցել, որ այստեղ ինչ֊որ տեղ կարելի է հայտնաբերել հենց այն բժիշկ Վերների հետքերը, նույնիսկ ինձ արդեն հայտնի ծրարներից մեկի օգնությամբ։ Ես ոչինչ չգտա։ Ոչ մի ծրար և, առավել ևս, գրված թերթ։ Օսկարը ստիպված է խոստովանել, որ քույր Դորոթեայի գլխարկների դարակից մեկ առ մեկ իջեցնում էր դեդեկտիվները, բացում էր, ուսումնասիրում էր ծանոթագրություններն ու էջանիշները, դրանից բացի, ես փնտրում էի որևիցե մի լուսանկար, որովհետև Օսկարը անուններով չգիտեր Մարիինյան հոսպիտալի բժիշկների մեծ մասին, բայց դրա փոխարեն՝ գիտեր տեսքով։ Բայց նա ոչ մի տեղ բժիշկ Վերների լուսանկարը չհայտնաբերեց։
 +
 +
Դատելով ամեն ինչից վերջինս չգիտեր քույր Դորոթեայի սենյակը, իսկ եթե ինչ֊որ ժամանակ տեսել էր նրան, ապա նրան չէր հաջողվել իր այցելության հետքերը թողնել։ Եվ Օսկարն ուներ հրճվելու բոլոր հիմքերը։ Մի՞թե ես մի ամբողջ կույտ առավելություններ չունեի բժշկի նկատմամբ։ Մի՞թե բժշկի ցանկացած կարգի հետքերի բացակայությունն ապացույց չէր ծառայում այն բանի, որ բժշկի ու քրոջ միջև հարաբերությունները գոյություն ունեն միայն հիվանդանոցի սահմաններում, այսինքն՝ դրանք ծառայողական հարաբերություններ են, իսկ եթե նույնիսկ ոչ ծառայողական, ապա ծայրահեղ դեպքում միակողմանի են։
 +
 +
Սակայն Օսկարի խանդը կարիք ուներ առիթի։ Որքան էլ որ ինձ ցավագաին խոցեին  բժիշկ Վերների սենյակում լինելու անգամ փոքրագույն հետքերը, ես ոչ պակաս չափով նաև բավարարվածություն կզգայի, որը չէր կարող որևէ համեմատության մեջ դրվել  զգեստապահարանում նստելու վաղանցուկ ու կարճաժամկետ արդյունքի հետ։
 +
 +
Արդեն չեմ էլ հիշում, թե ինչպես վերադարձա իմ սենյակ, հիշում եմ միայն, որ միջանցքի մյուս ծայրում, այն դռան ետևում, որը փակում է ոմն պարոն Մյունցերի սենյակը, անբնական, ուշադրություն հրավիրելու ձգտող հազի ձայն լսվեց։ Չնայած ինչ գործ ունեմ  ես պարոն Մյունցերի հետ։ Մի՞թե ինձ բավական չէ Ոզնու մյուս կենվորուհին։ Կհրամայեք ի դեմս Մյունցերի, դե գնա ու իմացիր, թե ինչ է թաքնվում այդ անվան տակ, ինձ վրա և՞ս մեկ բեռ վերցնել։ Այդ իսկ պատճառով Օսկարը չլսելու տվեց պահանջկոտ հազը կամ, ավելի ճիշտ, ես չհասկացա, թե ինչ են ինձանից ուզում, և միայն իմ սենյակում եկա այն հետևության, որ ինձ համար անհայտ ու անհետաքրքիր այդ պարոն Մյունցերը հենց միայն այն նպատակով էլ հազաց, որպեսզի ինձ, Օսկարիս, խաբեությամբ տանի իր սենյակ։
 +
 +
Ազնվորեն կխոստովանեմ․ ես երկար ժամանակ ափսոսում էի, որ ոչ մի կերպ այդ հազին չարձագանքեցի, քանի որ սենյակն ինձ համար այնքան նեղ և այնքան անսահման դարձավ, որ ցանկացած խոսակցություն, նույնիսկ պարոն Մյունցերի հետ տանջալից ու հարկադրված խոսակցությունը, ինձ համար բարերարություն կլիներ։ Սակայն ինձ չէր բավարարում համարձակությունը, որպեսզի չնայած ուշացումով, միջանցքում նման մի հազ ներկայացնեի և միջանցքի մյուս ծայրի պարոնի հետ կապ հաստատեի, դրա փոխարեն ես ենթարկվեցի իմ սենյակի խոհանոցային աթոռի անհողդողդ անկյունավորությանը, ինչպես և ամեն անգամ, երբ ես նստում եմ աթոռների վրա, արյանս մեջ զգացի անհանգստություն, անկողնու վրայից ինչ֊որ բժշկական տեղեկագիր վերցրեցի, թանկարժեք գիրքը, որը ձեռք էի բերել բնորդի դժվարին աշխատանքով վաստակածս փողերով, ձեռքիցս վայր ընկավ, ինչի հետևանքով մի փոքր ճմռթվեց։ Սեղանի վրայից վերցրեցի թմբուկս՝ Ռասկոլնիկովի նվերը, այն պահեցի ձեռքերիս մեջ, սակայն չկարողացա ո՛չ փայտիկներով մոտենալ, ո՛չ արցունքներով թրջել դեմքս, չնայած արցունքները ընկնելով սպիտակ, կլոր լաքի վրա, ինձ նույնիսկ ոչ ռիթմիկ թեթևություն կբերեին։
 +
 +
Այժմ կարելի էր սկսել կորսված անմեղության մասին գիտական շարադրանքը, կարելի էր թմբկահարողին՝ հավերժ երեք տարեկան Օսկարին, դնել կուզիկ, ձայնազուրկ, անարցունք ու անթբուկ Օսկարի կողքին, սակայն դա չէր համապատասխանում իրականությանը․ Օսկարը, երբ նա դեռ թմբկահարող Օսկարն էր, բազմիցս կորցրել էր իր անմեղությունը, կրկին այն ձեռք բերեց կամ թույլ տվեց, որ այն նորովի աճի։ Քանզի անմեղությունը կարելի է համեմատել խելահեղորեն աճող մոլախոտի հետ, օրինակի համար, մտածեք այդ բոլոր անմեղ տատիկների մասին, որոնք իրենց ժամանակին եղել են զզվելի, չարությամբ լցված մանուկներ, ոչ, ոչ, ոչ թե անմեղության խաղը, այլ անմեղությունը Օսկարին ստիպեց վեր ցատկել աթոռից։ Ավելի շուտ, թերևս քույր Դորոթեայի հանդեպ սերն ինձ կարգադրեց չթմբկահարված թմբուկը դնել իր տեղը, լքել սենյակը, միջանցքը, ցայդլերյան բնակարանը և ներբաններս ուղղել դեպի Գեղարվեստի ակադեմիան՝ չնայած պրոֆեսոր Քուխենը ինձ միայն օրվա երկրորդ կեսին էր հրավիրել։
 +
 +
Երբ Օսկարը չափից դուրս համարձակ քայլերով իր սենյակից դուրս եկավ միջանցք, դանդաղեցված ու բարձր ձայնով բացեց բնակարանի դուռը, ես ինչ֊որ մի ակնթարթ պարոն Մյունցերի դռան մոտ ականջ դրեցի։ Նա չէր հազում, և ես վրդովված, ամոթահար եղած, բավարարված և սոված, ափսոսանքով ու կյանքի ծարավով լցված, մերթ ժպտալով, մերթ լաց լինելու պատրաստ, լքեցի բնակարանը և, ի վերջո, Յուլիխերշտրասեի տունը։
 +
 +
Մի քանի օր անց ես ձեռնամուխ եղա իմ մեջ վաղուց հասունացած ծրագրի իրականացմանը, որի հետաձգումը դարձավ այն մինչև վերջին տարրը քննության ենթարկելու լավագույն միջոցը։ Այդ օրը մինչև ճաշի ժամը ես անելիք չունեի։ Օսկարն ու Ուլլան միայն ժամը երեքին պիտի կեցվածք ընդունեին գաղափարներով շռայլ նկարիչ Ռասկոլնիկովի համար, ես՝ Ոդիսևսի կարգավիճակով, որը, վերադառնակով, Պենելոպեին կուզ է բերում նվեր։ Զուր էի ձգտում ստիպել նկարչին հրաժարվել այդ գաղափարից։ Այդ ժամանակ նա, ոչ առանց հաջողության, ապրում էր հունական աստվածների ու կիսաստվածների հաշվին։ Ուլլան առասպելաբանության մեջ իրեն լավ էր զգում, այդ իսկ պատճառով ես հանձնվեցի, թույլ տվեցի Հրաբուխին ինձ նկարել, Պլուտոնին Պրոզերպինայի հետ, ի վերջո, ինչպես և այն օրը, կուզիկ Ոդիսևսին։ Սակայն այդ առավոտվա նկարագրությունը ինձ առավել կարևոր է պատկերանվում։ Այդ իսկ պատճառով Օսկարը ձեզ չի պատմի, թե ինչպիսի տեսք ուներ Ուլլան Պենելոպեի դերում և ուղղակի կասի․ Ցայդլերների բնակարանում լռություն էր տիրում։ Ոզնին իր մազ կտրելու մեքենաներով շրջագայում էր առևտրական գործերով, քույր Դորոթեայի մոտ ցերեկային հերթափոխ էր, նշանակում է, որ ժամը վեցից նա տանը չէր, իսկ ֆրաու Ցայդլերը, երբ ութից հետո փոստը բերեցին, դեռ պառկած էր անկողնում։
 +
 +
Ես անմիջապես աչքի անկացրի թղթակցությունը, ինձ համար ոչինչ չգտա՝ Մարիայի վերջին նամակից երկու օր էր անցել, դրա փոխարեն անմիջապես հայտնաբերեցի տեղական նամակը և նրա վրա Վերների այն տարակուսելի ձեռագիրը։
 +
 +
Սկզբում ես նամակը դրեցի մնացածների մոտ, որոնք եկել էին Ցայդլերուհու և Մյունցերի անուններով, վերադարձա ինձ մոտ և սպասեցի, մինչև Ցայդլերուհին դուրս կգա միջանցք, վարձակալին կփոխանցի նրա նամակը, կմտնի խոհանոց և, վերջապես, կվերադառնա իր մոտ՝ ննջարան, որպեսզի առավելագույնը տասը րոպեից լքի բնակարանը և տունը, քանզի իննին Մանեմանի մոտ սկսվում է նրա աշխատանքային օրը։
 +
 +
Ստույգության համար Օսկարը նաև էլի սպասեց, դիտավորյալ դանդաղկոտությամբ հագնվեց, մաքրեց եղունգները՝ ընդ որում, արտաքնապես պահպանելով հանգստությունը և միայն այդ ժամանակ ձեռնամուխ եղավ վճռական գործողություններին։ Ես անցա խոհանոց, կիսով չափ ջուր լցված ալյումինե կաթսան դրեցի երեքգլխանոց գազօջախի մեծ այրիչի վրա, սկզբում գազի հոսքը բարձրացրեցի ամենաբարձր չափով, իսկ հետո, երբ ջրից գոլորշի բարձրացավ, պտտեցի ամենացածր չափի վրա, երկու քայլերով, իմ մտքերը խնամքով թաքցնելով և հնարավորության սահմաններում իմ գործողություններից չշեղվելով, հայտնվեցի քույր Դորոթեայի դռան դիմաց։ Վերցրեցի նամակը, որը Ցայդլերուհին կիսով չափ մտցրել էր ապակեպատ դռան տակ, կրկին հայտնվեցի խոհանոցում և այնքան ժամանակ նամակը հակառակ կողմով, զգուշությամբ պահեցի գոլորշու վերևում, մինչև որ կարողացա այն բացել՝ ընդ որում, այն չվնասելով։ Սակայն մինչ Օսկարը համարձակվեց բժիշկ Է․ Վերների նամակը պահել գոլորշու վերևում, նա, դե իհարկե, գազը հանգցրեց։ Բժշկի ուղերձը ես կարդացի ոչ թե խոհանոցում, այլ իմ անկողնու վրա պառկած։ Սկզբում ես արդեն պատրաստ էի հիասթափություն ապրել, քանզի ո՛չ ուղերձը, ո՛չ եզրափակիչ ձևակերպումը ինձ ոչինչ չհայտնեցին քրոջ ու բժշկի միջև հարաբերությունների մասին։
 +
 +
«Թանկագին օրիորդ Դորոթեա, ― սկսվում էր նրա նամակը և, ― Ձեզ հավատարիմ Էրիխ Վերներ»։
 +
 +
Դրանից բացի, ես նաև հիմնական տեքստը ընթերցելիս ոչ մի փաղաքշական բառի չհանդիպեցի։ Ուղղակի Վերները ափսոսանք էր հայտնում, որ նախորդ օրը չկարողացավ խոսել Դորոթեայի հետ՝ չնայած որ հպանցիկ տեսավ նրան տղամարդկանց մասնավոր բաժանմունքի դռան դիմաց։ Սակայն բացարձակապես անհասկանալի պատճառներով քույր Դորոթեան անմիջապես շրջվել էր, երբ տեսել էր քույր Բեաթեի հետ զրուցող բժշկին, այլ խոսքերով, Դորոթեայի ընկերուհիներին։ Եվ այժմ բժիշկ Վերները կցանկանար բացատրել, քանզի խոսակցությունը, որը նա վարում էր քույր Բեաթեի հետ, զուտ գործնական բնույթ ուներ։ Ինչպես նրան՝ քույր Դորոթեային, անկասկած հայտնի է, նա անփոփոխ ջանքեր է գործադրում, որպեսզի տարածություն պահպանի իր և թեթևակիորեն անզուսպ քույր Բեաթեի միջև։ Նա՝ Դորոթեան, որը լավ է ճանաչում քույր Բեաթեին, պետք է հասկանա, որ այդ խնդիրը հեշտերից չէ, քանզի քույր Բեաթեն երբեմն չափից դուրս բացահայտորեն է ի ցույց դնում իր զգացմունքները՝ չնայած ինքը՝ բժիշկ Վերները, դրանց չի էլ պատասխանում։ Նամակի վերջին արտահայտությունը հռչակում էր․ «Հավատացեք ինձ, որ դուք միշտ կկարողանաք հաղորդակցվել ինձ հետ»։ Չնայած այդ տողերի ձևականությանը, սառնությանը և, նույնիսկ, ամբարտավանությանը, ես, վերջ ի վերջո, առանց դժվարության վերծանեցի բժիշկ Վերների ոճը և նամակը ընկալեցի, ինչը և ընդհանրապես կազմում էր նրա իմաստը, որպես սիրո բոցավառ խոստովանություն։
 +
 +
Ես ինքնաբերաբար նամակը մտցրեցի ծրարի մեջ՝ մոռանալով նախազգուշական բոլոր ու ամեն տեսակի միջոցառումների մասին, սոսնձի երիզը, որի վրայով նախկինում հավանաբար իր լեզուն է անցկացրել բժիշկ Վերները։ Ես այս անգամ խոնավացրի Օսկարի լեզվով, հետո սկսեցի ծիծաղել և ձեռքիս ափով հարվածեցի ճակատիս ու ծոծրակիս, մինչև որ այդ շմփացնելու ընթացքում ինձ հաջողվեց Օսկրի աջ ձեռքը պոկել օսկարյան ճակատից, այն դնել դռան բռնակի վրա, բացել դուռը, դուրս գալ միջանցք և բժիշկ Վերների նամակը կիսով չափ թաքցնել այն դռան տակ, որը պատնեշում էր ինձ քաջ հայտնի քույր Դորոթեայի ննջարան իմ նեթափանցումը։
 +
 +
Ես դեռ նստած էի ծնկներիս վրա, ես դեռ, հնարավոր է, մեկ կամ երկու մատներով պահել էի նամակը, երբ այդ ժամանակ միջանցքի մյուս ծայրի սենյակից լսվեց պարոն Մյունցերի ձայնը։ Ես կարողացա տարբերել այդ դանդաղեցված, կարծես թե ձայնագրության համար նախատեսված կանչի ամեն մի բառը․
 +
 +
― Ախ, թանկագին պարոն, չէի՞ք կարող դուք արդյոք ինձ մի քիչ ջուր բերել։
 +
 +
Ես ուղղվեցի՝ կարծելով, որ Մյունցերը, հավանաբար, հիվանդացել է, սակայն անմիջապես հասկացա, որ դռան ետևի մարդը ամենևին էլ հիվանդ չէ։ Իսկ Օսկարը ուղղակի ներշնչում է իրեն, որ մարդը հիվանդ է, որպեսզի հարևանին ջուր բերելու առիթ ունենա, քանզի սովորական, ոչնչով չհիմնավորված կանչը աշխարհում ոչ մի դեպքում ինձ չէր դրդի մտնել բացարձակապես անծանոթ մարդու սենյակը։
 +
 +
Սկզբում ես ուզում էի նրան բերել հենց այն, ալյումինե կաթսայի միջի դեռ չսառած ջուրը, որն օգնեց ինձ բացել բժիշկ Վերների նամակը։ Հետո, այնուամենայնիվ, օգտագործած ջուրը դատարկեցի լվացարանի մեջ, կաթսայի մեջ լցրեցի թարմը և այն տարա դեպի այն դուռը, որի ետևում կենում էր պարոն Մյունցերի ձայնը, որը ծարավ էր ինձ ու ջրին կամ, հնարավոր է, միայն ջրին։
 +
 +
Օսկարը դուռը թակեց, ներս մտավ և անմիջապես դեմ առավ Կլեփի համար այդքան բնորոշ հոտին, եթե ես դրանով իսկ կթաքցմեմ նրա ամենևին էլ ոչ նվազ պայծառությամբ արտահայտված քաղցր գոյականացումը։ Այսպես, օրինակ, կլեփյան հոտը կտրականապես որևէ ընդհանուր բան չուներ քույր Դորոթեայի սենյակի քացախի հոտի հետ։ «Թթվաքաղցր» ասելը նույնպես սխալ կլիներ։ Վերը հիշատակաված պարոն Մյունցերը՝ նույն ինքը Կլեփը, ինչպես ես այսօր նրան անվանում եմ գերալարկոտ, սակայն, այդ ամենով հանդերձ, անշարժ չէ, քրտնող է, սնահավատ, անլվա և, այդուհանդերձ, բարոյական չէ, ոչ մի կերպ հանգիստ մահանալ չկարողացող ֆլեյտահար և ջազային կլարնետահար է, արձակում էր և մինչ օրս էլ դիահոտ է արձակում, որն անկարող է հրաժարվել սիգարետներ ծխելուց, դաղձի բլիթներ ծծելուց և սխտորի անուշահոտ բուրմունք արձակելուց։ Նման հոտ նրանից գալիս էր արդեն այն ժամանակներում,  այդպիսի հոտ է գալիս նրանից նաև մինչ օրս, երբ կենսասիրության ոգին ու անցավորությունը իր ետևից քարշ տալով, նա այցելությունների ժամերին հարձակվում է ինձ վրա, որպեսզի հետո, իր հեռացումը ուղեկցելով բազմաթիվ ծիսակատարություններով, որոնք անխուսափելի վերադարձ են խոստանում, Բրունոյին ստիպի անմիջապես լայն բացել պատուհաններն ու դռները և մի լավ միջանցիկ քամի կազմակերպի։
 +
 +
Այսօր մահճակալի վրա Օսկարն է պառկած։ Այն ժամանակ Ցայդլերի բնակարանում ես Կլեփին գտա անկողնու մնացորդների վրա։ Նա քայքայվում էր՝ ունենալով գերազանց տրամադրություն և հնաոճ, որոշ չափով բարոկկոյի տեսքով սպիրտայրոցի կոքին պահում էր ամբողջ տասներկու փաթեթ սպագետտի, ձիթապտուղի յուղով բանկաներ, պարկուճներով տոմատի մածուկներ, թերթի վրա հում քարաղ և մի արկղ մուգ շշերով, ինչպես պարզվեց հետագայում, գարեջուր։ Դատարկ շշերի մեջ նա միզում էր անկողնուց վեր չկենալով, իսկ հետո, ինչպես ինձ մտերմաբար հայտնեցին, մեկ ժամ անց, խցանով փակում էր կանաչավուն տարողությունները, որոնք ճշտորեն համապատասխանում էին նրա պահանջմունքներին և դրանք փութկոտությամբ առանձնացնում այն շշերից, որոնք դեռ բառի բուն իմաստով գարեջուր էին, որպեսզի ծարավի արթնացման ժամանակ անկողնու բնակիչն իրեն շփոթելու վտանգին չենթարկի։ Չնայած սենյակում հոսող ջուր կար՝ որոշակի չափով ձեռներեցության դեպքում Կլեփը լիովին կարող էր միզել լվացարանի մեջ, նա չափից դուրս ինքն իրեն խանգարում էր վեր կենալ, որպեսզի նման ջանքերի գնով լքեր ճզմված անկողինը և սպագետտիի կաթսայիկով իր համար մաքուր ջուր բերեր։
 +
 +
Քանի որ Կլեփը՝ նույն ինքը պարոն Մյունցերը, մեկ և միևնույն ջրի մեջ անփոփոխ մակարոնեղեն էր եփում, այլ խոսքերով, աչքի լույսի պես էր պահպանում բազմակի անգամ տեղից տեղ դատարկած, օր օրի ավելի ու ավելի խիտ դարձող ջրիկախույսը, նրան դատարկ շշերի պահուստի օգնությամբ երբեմն հաջողվում էր չորս օր շարունակ, իսկ երբեմն էլ ավելի, պահպանել մարմնի հորիզոնական, մահճակալի համար ամենապիտանի դիրքը։
 +
 +
Կործանումը եկավ, երբ սպագետտիի համար խառնաջուրը եփելով վեր ածվեց ինչ֊որ մի չափազանց աղի, կպչուն գնդի։ Ճիշտ է, այս դեպքում Կլեփը լիովին կարող էր տրվել սովի տնոօրինությանը, սակայն այն ժամանակ նա դեռ գաղափարապես պատրաստ չէր դրան, դրանից բացի, նրա մենակյացությունը սկզբից ևեթ և ետ ժամանակային առումով սահմանափակված էր չորս, հինգ օրերով, այլապես ֆրաու Ցայդլերը, որը նրան բերում էր փոստը կամ ուղղակի մեծ չափսերի կաթսա ու ջրի պահուստ, որը համապատասխանեցված էր մակարոնե արտադրանքների պահուստի հետ, նրան շրջապատող միջավայրից էլ ավելի անկախ կդարձնեին։
 +
 +
Մինչ այն ժամանակը, երբ Օսկարը խախտեց նամակագրության գաղտնիությունը, Կլեփը արդեն հինգ օր է, ինչ անշարժ պառկած էր անկողնու մեջ, իսկ մակարոնեղենի ջրի մնացորդներով լիովին կարող էր գովազդային սյուների վրա ցուցապաստառներ փակցնել։ Սակայն այդ ժամանակ նա լսեց քույր Դորոթեային և նրա նամակներին նվիրված միջանցքի իմ անվճռական քայլերը։ Հասկանլով, որ Օսկարը չի արձագանքում հազի միտումնավոր, պահանջկոտ, սուր բռնկումներին, նա այդ օրը, երբ ես ընթերցեցի բժիշկ Վերների զսպված կրքով լի սիրային նամակը, որոշեց դիմել իր ձայնի օգնությանը։
 +
 +
― Ախ, թանկագին պարոն, չէի՞ք կարող դուք արդյոք ինձ մի քիչ ջուր բերել։
 +
 +
Եվ ես վերցրեցի կաթսան, դատարկեցի գոլ ջուրը, բացեցի ծորակը, ջրի շիթը թողեցի, մինչև որ կաթսան կիսով չափ լցվեց, էլի մի քիչ ավելացրեցի և, լրացնելով, նրան թարմ ջուր տարա, այսինքն՝ խաղացի այն թանկագին պարոնի դերը, ում տեղը նա ինձ դնում էր, ներկայացա, ինձ անվանելով Մացերատ՝ որպես քարհատ ու գրանիտագործ։
 +
 +
Նույնչափ հարգանքով նա մի քանի աստիճանների չափով մարմինը բարձրացրեց վեր, ներկայացավ՝ Էգոն Մյունցեր, ջազի մասնագետ, սակայն խնդրեց իրեն անվանել Կլեփ, քանի դեռ իր հորն էին Մյունցեր անվանում։
 +
 +
Ես նրա խնդանքը գերազանց հասկացա, հոմ զուր չէր, որ ես ինքս էլ էի գերադասում ինձ Կոլյայչեկ կամ ուղղակի Օսկար անվանել, «Մացերատ» անունը կրում էի միայն հանուն հնազանդության, իսկ ինձ Օսկար Բրոնսկի կոչել ընդհանրապես կարող էի շատ հազվադեպ։ Այդ իսկ պատճառով ինձ համար ամենևին էլ դժվար չէր այդ պառկած գերերիտասարդ մարդուն, ես նրան կտայի երեսուն, սակայն պարզվեց, որ նա նույնիսկ ավելի երիտասարդ է, առանց այլևայլության ուղղակի Կլեփ անվանելը։ Իսկ նա ինձ Օսկար էր անվանում, որովհետև «Կոլյայչեկ» բառը նրանից չափից դուրս մեծ ճիգեր էր պահանջում։
 +
 +
Մենք սկսեցինք զրուցել, սակայն սկզբնական շրջանում ձգտում էինք միայն անբռնազբոսիկություն պատկերել։ Շատախոսելով՝ անդրադարձանք ամենապարզագույն թեմաներին։ Այսպես, ես, օրինակ, ցանկացա իմանալ, թե արդյոք նա մեր ճակատագրերը համարո՞ւմ է անխուսափելի։ Նա այն անխուսափելի էր համարում։ Այնուհետև Օսկարը հետաքրքրվեց, համարո՞ւմ է, արդյոք, Կլեփը, որ բոլոր մարդիկ պետք է մահանան։ Պարզվեց, որ բոլոր մարդկանց վերջնական մահը ևս կասկածներ չէր հարուցում նրա մոտ, սակայն նա համոզված չէր, որ բոլոր մարդիկ պետք է ծնված լինեին, իր մասին խոսում էր որպես «ծնունդի պատահականությունների», և Օսկարը կրկին զգաց նրա հետ իր հոգեհարազատությունը։ Ճիշտ նույն կերպ էինք երկուսս հավատում Երկինքներին, սակայն նա այդ բառն արտասանում էր կեղտոտ, զրնգուն, թեթև ծիծաղի հետ մեկտեղ և վերմակի տակ քորվում էր․ տեղին էր մտածել, որ արդեն կյանքի օրորք պարոն Կլեփը զանազան անպարկեշտություններ էր ծրագրել, որոնք մտադիր էր իրականացնել երկինքներում։ Երբ խոսքը դարձավ քաղաքականությանը՝ նա շատ բորբոքվեց, ինձ թվարկեց Գերմանիայում երեք հարյուրից ավելի իշխանական տներ, որոնց պատրաստ էր առանց տեղից շարժվելու վերադարձնել իշխանական արժանապատվությունը, գահ և իշխանություն շնորհել։ Նա պատրաստվում էր Հաննովերի շրջակա տեղանքը տալ բրիտանական գահին։ Երբ ես հարցրեցի, թե ի՞նչ ճակատագիր է նախատեսված Դանդիգ ազատ քաղաքի համար, նա, ցավոք սրտի, չգիտեր, թե որտեղ է գտնվում այդ քաղաքը, սակայն դրանից ամենևին էլ անհարմար չզգալով, իրեն անծանոթ այդ տեղանքի համար, որպես իշխան, առաջարկեց, ավաղ, ոմն կոմս Բերգսկու, որը եթե Կլեփի խոսքերին հավատանք, ծնունդով ուղիղ գծով Յան Վելլեմից էր սերել։ Եվ, ի վերջո, մենք ձգտում էինք հենց ճշգրիտ սահմանում տալ «ճշմարտություն» հասկացությանը և դրանում նույնիսկ ահագին հաջողության էինք հասել՝ շնորհիվ արհեստավարժորեն տրված լրացուցիչ հարցերի, ես պարզեցի, որ պարոն Կլեփն արդեն երեք տարի է, ինչ իր սենյակի համար վճարում է Ցայդլերին։ Մենք երկուսս էլ ափսոսանք հայտնեցինք, որ ավելի շուտ չէինք ծանոթացել։ Ես ամեն ինչում մեղադրեցի Ոզնուն, որը ինձ չէր պատմել անկողնում գամվածի մասին, ինչպես որ նա չէր կռահել բուժքրոջ մասին տեղեկացնել ավելին, քան ահա այդպիսի հյուծված դիտողությունը։
 +
 +
Օսկարը չէր ցանկանում հենց այդպես միանգամից Մյունցերի, նույն ինքը՝ Կլեփի վրա թափել իր խնդիրները։ Այդ իսկ պատճառով ես նրան բուժքրոջ մասին հարց ու փորձ չարեցի, այլ սկզբում հայտնեցի նրա առողջական վիճակի վերաբերյալ իմ մտահոգությունը․
 +
 +
― Ի դեպ, առողջության մասին, ― խոսք գցեցի ես, ― դուք ինչ է, ձեզ վա՞տ եք զգում։
 +
 +
Կլեփը երկրորդ անգամ իրանի վերին մասը փոքր֊ինչ վեր բարձրացրեց, սակայն համոզվելով, որ միևնույն է, իրեն չի հաջողվի ուղիղ անկյուն պատկերել, կրկին փլվեց անկողնու վրա և, արդեն պառկած, ինձ տեղեկացրեց, թե իբր, ճիշտն ասած, նա նրա համար է պառկել, որպեսզի կարողանա պատկերացում կազմել, թե ինչպես է իրեն զգում լա՞վ, միջա՞կ, թե՞ վատ և հույս ունի մի քանի շաբաթվա ընթացքում պարզել, որ զգում է իրեն միջակ։
 +
 +
Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչից ես վախենում էի և ինչից հույս ունեի խուսափել երկար ու խճճված խոսակցության օգնությամբ։
 +
 +
― Իմ թանկագին, ինձ հետ մի քիչ սպագետտի կերեք։
 +
 +
Եվ մենք ուտում էինք իմ կողմից բերված թարմ ջրով եփված սպագետտին։ Ես չհամարձակվեցի նրանից խնդրել կպչուն կաթսան, որպեսզի այն լվացարանի մեջ հիմնավորապես մաքրեի։ Կողքի վրա շրջվելով Կլեփը եփում էր լուռ, լուսնոտի վստահ շարժումներով։ Ջուրը նա զգուշությամբ դատարկեց պահածոյի մեծ բանկայի մեջ, ինչից հետո, իր դիրքը շատ թե քիչ նկատելի չփոխելով, ձեռքը մտցրեց մահճակալի տակ, այնտեղից որսաց յուղոտ տոմատի մածուկի չորացած հետքերով պատված ափսեն, մի ինչ֊որ ակնթարթ մնաց անշարժ վիճակում, ձեռքը կրկին մահճակալի տակ մտցրեց, այնտեղից Աստծո լույս աշխարհ հանեց թերթի ճմռթված թուղթը, ափսեն թղթով սրբեց, թուղթը կրկին ձեռքից գցեց մահճակալի տակ, արտաշնչեց ափսեի կեղտոտ հատակի վրա, կարծես ցանկանալով վրայից վերջին փոշեհատիկը փչել, ձեռքի գրեթե նրբագեղ շարժումով ինձ մեկնեց բոլոր հնարավոր ափսեներից անենահարթը և առաջարկեց առանց ձևականությունների հարձակվել կերակուրի վրա։
 +
 +
Ես կնախընտրեի ուտել նրանից հետո, ես նրան կոչ արեցի առաջինը լինել։ Ինձ ապահովելով զզվելի սպասքով, որը կպչում էր ձեռքերիս, նա կաթսայի միջից շերեփի ու պատառաքաղի օգնությամբ որսաց սպագետտիի զգալի մասը, նրբաճաշակ շարժումով մակարոնների խճճվածքի վրա նախշեր նկարելով, բարակ երշիկի նմանվող տոմատի մածուկ ճզմեց, բանկայի միջից զգալի չափով պրովանսյան յուղ ավելացրեց, այդ նույն արարողությունները կատարեց նաև իր կաթսայի վերևում, երկու չափաբաժինների վրա էլ պղպեղ ցանեց, իրենը խառնեց և հայացքով ինձ առաջարկեց նույն կերպ վարվել նաև իմ սպագետիիի հետ։
 +
 +
― Ախ, թանկագինս, մի մեղադրեք, խնդրում եմ, որ ես քերված իտալական պանիր չունեմ։ Այնուամենայնիվ, բարի ախորժակ եմ ցանկանում։
 +
 +
Մինչ օրս էլ Օսկարը չի կարողանում հասկանալ, թե ինչպես նա այն ժամանակ համարձակվեց օգտվել դանակից ու պատառաքաղից։ Տարօրինակ ձևով կերակուրն ինձ դուր եկավ։ Ավելին, կլեփյան սպագետտին ինձ համար դարձավ խոհարարական չափորոշիչ, որը ես այդ ժամանակվանից կիրառում էի ինձ առաջարկվող յուրաքանչյուր ճաշատեսակի հանդեպ։
 +
 +
Ուտելու ընթացքում ես կարողացա մանրազնին ուսումնասիրել անկողնային հիվանդի սենյակը։ Գրավիչը գրեթե հենց առաստաղի տակ գտնվող ծխնելույզի համար կլոր, չփակված անցքն էր, որի սև շնչառությունը հասնում էր պատից։ Երկու պատուհաններից այն կողմ, փողոցում, քամի էր փչում։ Համենայն դեպս, թվում էր, թե կարծես հենց քամու պոռտքումներն էին ժամանակ առ ժամանակ անցքի միջից մրի ամպեր ներս մղում Կլեփի սենյակ, և մուրը, թաղում խորհրդանշելով, հավասարաչափ նստում է կահույքի վրա։ Սակայն քանի որ ողջ կահույքը բաղկացած էր միայն սենյակի մեջտեղում դրված մահճակալից և մեկ էլ՝ փաթեթավորման թղթով ծածկված ու խողովակի նմամն փաթաթված ակնհայտորեն ցայդլերյան ծագումով գորգերից, ես վստահաբար կարող էի ասել՝ Կլեփի սենյակում մի ժամանակ սպիտակ գույնի անկողնուց, Կլեփի տակի բարձից ու սրբչից, որով անկողնային հիվանդը ծածկում էր իր դեմքը, երբ քամու պոռթկումը սենյակ էր վռնդում մրի ամպերը, առավել սև ոչինչ չկար։ Սենյակի երկու պատուհանները ոչնչով չէին տարբերվում ցայդլերյան հյուրասենյակի՝ նույն ինքը ննջասենյակի պատուհաններից, որոնք դուրս էին գալիս Յուլիխերշտրասեի կամ, առավել ստույգ ասած, այն շագանակենու կանաչամոխրագույն զգեստավորման վրա, որն աճում էր տան դիմաց։ Միակ զարդարանքը պատուհանների միջև կախված, կոճգամներով կպցրած, Ելիզավետա անգլուհու դիմանկարն էր, որը, պետք է ենթադրել, որ ինչ֊որ մի նկարազարդ ամսագրի միջից էր հանված։ Նկարի տակ կեռիկից կախված էր պարկապզուկը, ընդ որում, նրա հյուսվածքի շոտլանդական նախշը, չնայած դժվարությամբ, վրան նստած մրի շերտի տակից հնարավոր էր զանազանել։
 +
 +
Մինչ ես ուսումնասիրում էի գունավոր լուսանկարը, ընդ որում, ավելի քիչ էի մտածում Ելիզավետայի ու նրա Ֆիլիպի մասին, քան և շատ ավելի քույր Դորոթեայի, որը կանգնել էր Օսկարի ու բժիշկ Վերների միջև և, հնարավոր է, որ ապրում էր հուսահատության մեջ, Կլեփն ինձ բացատրեց, որ ինքը բրիտանական թագավորական տոհմի հավատարիմ ու կրքոտ երկրպագուն է համարվում և այդ իսկ պատճառով ժամանակին բրիտանական օկուպացիոն բանակի շոտլանդական գնդի փողային նվագախմբի երաժիշտների մոտ պարկապզուկ նվագելու դադընթացներ է անցել՝ նամանավանդ, որ Ելիզավետյան այդ գնդի հրամանատարն էր․ ինքը՝ Կլեփը, խրոնիկայում տեսել է, թե ինչպես է շոտլանդական կարճ շրջազգեստով և ոտքից գլուխ վանդակավոր հագուստներով Եղիսաբեթը անցկանցնում իր գնդի զորահանդեսը։
 +
 +
Տարօրինակ կերպով իմ մեջ հանկարծ փոթորկվեց իմ կաթոլիցիզմը։ Ես կասկածեցի, որ Ելիզավետան ընդհանրապես ինչ֊որ բան է հասկանում պարկապզուկ նվագելուց, մի քանի դիտարկումներ արեցի Մարիա Ստյուարտի  սարսափելի վախճանի կապակցությամբ, այլ խոսքերով, Օսկարը Կլեփին հասկացնել տվեց, որ Եղիսաբեթին ոչ երաժշտական  անձնավորություն է համարում։
 +
 +
Անկեղծ ասած ես սպաում էի, որ միապետականի կողմից կհետևի վրդովմունքի պայթյունը։ Ոչ մի նման բան, միապետականը միայն տեղեկացվածի ժպիտով ժպտաց և ինձանից բացատրություններ խնդրեց, որոնց հիման վրա ինքը կկարողանա եզրակացնել, թե ունա՞կ եմ արդյոք ես, փոքրիկ մարդս, այդ գիրուկն ինձ այդպես անվանեց, ընդհանրապես գործիմացությամբ դատել երաժշտության մասին։
 +
 +
Օսկարը երկա՜ր֊երկա՜ր, սևեռուն նայում էր Կլեփին։ Վերջինս դիմեց ինձ նույնիսկ չկռահելով, թե հատկապես ինչ կոչ է ինքը անում։ Ես ոտքից մինչև կուզ խոցվեցի։ Դա կարծես ահեղ դատաստանի օրն էր հանդեպ իմ բոլոր թմբուկների՝ հների, կոտրվածների, շարքից դուրս եկածների։ Հարազատ թմբուկներ, որոնք ես նետել էի աղբանոց, և միակ թմբուկս, որը թաղված էր Զասպեի գերեզմանատանը, նրանք բոլորը կանգնեցին ոտքի, ամբողջական ու անվնաս նորից ըմբոստացան, տոնեցին իրենց հարությունը, ձայն տվեցին, գրավեցին ինձ, պոկեցին անկողնու եզրից, ինձ դուրս տարան՝ այն բանից հետո, երբ ես Կլեփին խնդրեցի ինձ ներել և մեկ րոպե սպասել՝ սենյակից, անթափանցիկ ապակուց, դռան մոտով, քույր Դորոթեայի սենյակի մոտով, դռան տակի կիսթաքցված նամակի քառանկյունին դեռևս երևում էր միջանցքի հատակին, ինձ մտցրեցին իմ սենյակ, ստիպեցին ինձ ընդառաջ գնալ թմբուկին, որը նկարիչ Ռասկոլնիկովն էր նվիրել, երբ «Մադոննա֊49»֊նն էր նկարում, և ես ձեռքս վերցրի թմբուկս, թիթեղն ու զույգ փայտիկները ձեռքերիս մեջ շրջեցի կամ շրջեցին ինձ, լքեցի իմ սենյակը, սլացա անիծյալ դռան կողքով, կարծես երկարատև թափառումներից հետո, ներս մտա Կլեփի մակարոնեղենի թագավորություն, նստեցի անկողնու եզրին, լաքապատ սպիտակակրմիր թիթեղը հարմարեցրի, հնարավոր է, որ շփոթվածություն զգալով՝ օդի մեջ փայտիկները մի քիչ շարժեցի, զարմացած Կլեփի կողքով նայեցի ինչ֊որ տեղ, փայտիկներից մեկով, կարծես պատահաբար, դիպա թմբուկին, ախ, թիթեղը պատասխան տվեց Օսկարին, և Օսկարն առաջինի ետևից ուղարկեց երկրորդ փայտիկը, և ես սկսեցի թմբկահարել լամպերի միջև, թմբկահարեցի աստիճանը և նկուղն իր տասնինը աստիճաններով, երբ ես նշում էի իմ երրորդ՝ լեգենդար ծննդյան տարեդարձը։ Պեստալոցցիի դպրոցի դասացուցակը երկայնքով ու լայնքով թմբկահարեցի, թմբուկիս հետ բարձրացա Հարկաշարքով աշտարակի վրա, թմբուկի հետ նստեցի քաղաքական ամբիոնների տակ, թմբկահարեցի օձաձկներին ու ճայերին, Չարչարանաց ուրբաթին գորգերի թափ տալը, թմկահարելով նստեցի իմ խեղճ մայրիկի ոտքերի մասում նեղացող դագաղի մոտ, այնուհետև որպես թեմա ընտրեցի Հերբերթ Տրուչինսկու սպիներով պատված թիկունքը, իսկ Հևելիուսպլացի Լեհական փոստատան պաշտպանությունը թմբկահարելիս, ես որոշակի շարժում նկատեցի այն մահճակալի գլխամասերում, որի վրա նստած էի, աչքի տակով տեսա ուղղվող Կլեփին, որը բարձի տակից ծիծաղելի փայտե ֆլեյտա հանեց, այն մոտեցրեց շուրթերին և այն աստիճան քաղցր ու անբնական ձայներ արձակեց, այն աստիճան իմ թմբուկին համապատասխանող, որ ես կարող էի նրան տանել առաջ, դեպի Զասպեի գերեզմանատուն, Խենթուկ Լեոյի մոտ, որ ես, երբ Լեոն իր բաժին պարը ավարտեց նրա դիմաց, նրա հետ և նրա համար թույլ տվեցի, որ իմ առաջին սիրո թշշացող փոշին փրփրակալի․ ես նրան նույնիսկ Լինա Գրեֆի ջունգլին մտցրեցի․ ես նույնիսկ թույլ տվեցի, որ պտտվի մեծ, յոթանասունհինգ կիլոգրամի համար նախատեսված բանջարեղեն վաճառող Գրեֆի թմբուկային մեքենան։ Ես Կլեփին ինձ հետ տարա Բեբրայի ռազմաճակատային թատրոն, թողեցի, որ Հիսուսը իմ թմբուկի վրա բարձր ձայնով հնչեցնի, Շտյորտեբեկերին և բոլոր սրբողներին ցատկահարթակի վրայից ցած վռնդեցի, իսկ ներքևում նստած էր Լյուցիան, հենց ես մրջյուններին ու ռուսներին թույլ տվեցի գրավել իմ թմբուկը, սակայն Կլեփին երկրորդ անգամ չտարա Զասպեի գերեզմանատուն, որտեղ Մացերատի ետևից գցել էի իմ թմբուկը, իսկ դրա փոխարեն թմբկահարեցի իմ մեծ, ավարտ չունեցող թեման, կաշուբյան կարտոֆիլի դաշտերը։ Նրանց վերևում հոկտեմբերյան անձրևն է, և իմ տատիկը նստած է իր չորս շրջազգեստներով։ Օսկարի սիրտը սպառնում էր դառնալ քար, երբ ես լսեցի, թե ինչպես է Կլեփի ֆլեյտայի միջից մաղվում հոկտեմբերյան անձրևը, ինչպես Կլեփի ֆլեյտան անձրևի ու չորս շրջազգեստերի տակ փնտրեց և գտավ իմ պապիկ֊հրձիգ Յոզեֆ Կոլյայչեկին, ինչպես հենց այդ նույն ֆլեյտան տոնեց ու հաստատեց իմ խեղճ մայրիկի բեղնավորումը։
 +
 +
Ժամեր շարունակ մենք նվագեցինք։ Բավականաչափ  զանազանակերպումներ նվիրելով լաստերի վրայով իմ պապիկի փախուստին, մենք, թեթևակի հոգնած, սակայն երջանիկ, մեր համերգը ավարտեցինք հիմնի տեսքով մահացած հրձիգի հրաշագործ փրկության հնարավորության մասին ակնարկի կատարումով։
 +
 +
Վերջին հնչյունի հետ, դեռևս ֆլեյտաից չկտրված, Կլեփը վեր ցատկեց իր ճմռթված անկողնուց։ Դիակային հոտերը հետևեցին նրան։ Նա էլ հենց լայն բացեց պատուհանները, թերթի թղթով փակեց ծխնելույզը, պատառ֊պատառ արեց Եղիսաբեթ անգլուհու գունավոր դիմանկարը, հռչակեց միապետության դարաշրջանի ավարտը, ծորակի ջուրը բաց թողեց լվացարանի մեջ, լվացվեց՝ նա լվացվեց, Կլեփը սկսեց լվացվել, նա որոշեց ամենը մաքրել, դա արդեն լվացվել չէր, դա լվացում էր, և երբ լվացված, շիթից կտրված և գեր, կաթիլներով պատված, մերկ, գրեթե պայթելով, ամենագարշելի թեքությամբ կախված անդամով նա հայտնվեց իմ առջև, իմ կողքին, բարձրացրեց երկարացրած ձեռքերի վրա, քանզի Օսկարը փոքր կշիռ ունի, երբ նրա միջից դուրս պրծավ ծիծաղը, գնաց դեպի ելքը և թռավ դեպի առաստաղը, միայն այդ ժամանակ ես հասկացա, որ ոչ միայն Օսկարի թմբուկը հարություն առավ, որ Կլեփին ևս կարելի է վերածնված համարել, և մենք միմյանց շնորհավորեցինք և համբուրեցինք միմյանց այտերը։ Դեռ հենց այդ օրը՝ երեկոյան մոտ, մենք դուրս եկանք, գարեջուր խմեցինք, սոխով արյունոտ երշիկ կերանք, Կլեփն ինձ առաջարկեց իր հետ մեկտեղ ջազային երաժշտախումբ հիմնադրել։
 +
 +
Ճիշտ է, ես ժամանակ խնդրեցի մտածելու համար, սակայն Օսկարն արդեն որոշում էր ընդունել ոչ միայն թողնել քարհատ Քորնեֆի մոտի իր գրանիտագործի աշխատանքը, այլև մուսա Ուլլայի հետ բնորդի աշխատանքը և դառնալ ջազային խմբի հարվածային գործիքներ նվագող։
 +
 +
 +
===Կոկոսե գորգի վրա===
 +
 +
 +
Օսկարը այդպես արարեց Կլեփի համար անկողնուց վեր կենալու պատճառը։ Եվ չնայած վերջինս լիակատար խանդավառությամբ դուրս թռավ իր ոչ թարմ սավանների միջից, նույնիսկ առնչվեց ջրի հետ՝ մի խոսքով, դարձավ այն մարդը, որն ասում է․ «Հոպ֊լա֊լա» և «Մեզ համար ոչինչ փուչ չէ»՝ այսօր, երբ անկողնային հիվանդին Օսկար են անվանում, ես համարձակվում եմ հաստատել՝ Կլեփը ուզում է վերադարձնել պարտքերը, ուզում է ինձ նողկանք ներշնչել հատուկ բժշկական հաստատության երկաթյա մահճակալի հանդեպ՝ այն պատճառով, որ ես նրան նողկանք ներշնչեցի նրա մակարոնի խոհանոցի, մահճակալի հանդեպ։ Շաբաթական մեկ անգամ ես պետք է հաշտվեմ նրա այցելությունների հետ, պարտավոր եմ լսել նրա ջազային լավատեսական երկարաշունչ մենախոսությունները, նրա երաժշտակոմունիստական հռչակագրերը, քանզի նա, ով անկողնային հիվանդի կարգավիճակում եղել է միապետության հավատարիմ կողմնակիցը և հոգով եփվել, կպել է բրիտանական թագավորական տանը, հենց որ ես նրանից խլեցի մահճակալը և պարկապզուկով Եկատերինային, դարձավ ԳԿԿ֊ի ակտիվ անդամ, ինչից չի բուժվել մինչ օրս, ինչպես իր յուրատեսակ արգելված հոբբիից, որին տրվում է, երբ գարեջուր է խմում, երշիկ է խժռում և վաճառասեղանի մոտ շշով խմիչքները զննող անմեղ տղամարդկանց բացատրում է ջազ֊բենդի ծանրաբեռնված աշխատանքի և խորհրդային կոլխոզի միջև երջանիկ համընկնումները։
 +
 +
Վախեցած երազկոտի համար այսօր քիչ հնարավորություններ գոյություն ունեն։ Ճզմված մահճակալից օտարված Կլեփը կարող էր մտնել կուսակցության մեջ՝ նույնիսկ արգելված, ինչը մեծացնում էր գայթակղությունը, իսկ երկրորդ կրոնը, մեկը նրանցից, որը նրան պատկերանում էր ընտրության համար, կոչվում էր ջազ։ Դե և երրրորդ, նա՝ կնքված բողոքականը, կարող էր փոխել հավատը և դառնալ կաթոլիկ։
 +
 +
Մի բանը Կլեփից խլել հնարավոր չէ՝ նա իր համար բաց էր թողել դեպի բոլոր դավանանքները տանող բոլոր ճանապարհները։ Զգուշությունը, մութ ու փայլուն մարմինը, նրա հումորը, որն ծնվում էր ծափահարություններով, նրան հուշում էին այն բաղադրատոմսը, որի գյուղացիական ձևով, խորամանկ կանոնների համաձայն Մարքսի տեսությունը պետք է լավ խառնել ջազի առասպելի հետ։ Եվ եթե ինչ֊որ ժամանակ նրա ձեռքի տակ ընկներ ձախ հայացքների տեր «բանվորական արվարձանների կաթոլիկ վանական» տիպի մի վանական և, դրան ավելացրած, վանականի տնօրինման տակ գտնվի դիքսիլենդների մի ամբողջ հնչյունակազմությունը, այդ նույն օրվանից մեր մարքսիստը, որի ջազը փոխարինում է մաստակին, կիրակի օրերին կսկսի հաղորդվել Սուրբ Գաղտնիքներին և իր մարմնի՝ վերը նկարագրված հոտը կխառնի նորգոթիկական տաճարի գոլորշիացումներին։
 +
 +
Եթե այժմ ինձ հետ կատարվում է այն նույն բանը ինչ կատարվել է նրա հետ, դրա պատճառը իմ անկողինն է, որից այդ տղան ուզում է ինձ դուրս հանել իր խոստումների կենդանի ջերմությքմբ։ Նա մի դիմումը մյուսի ետևից է ուղարկում, նա աշխատում է իմ փաստաբանի հետ ձեռք ձեռքի տված, նա պնդում է գործի վերանայման վրա, նա Օսկարի համար արդարացման դատավճիռ է ցանկանում, նա Օսկարի համար ցանկանում է ազատություն՝ պետք չէ մեր Օսկարին տանջել հատուկ հաստատությունում, և այս ամենը միայն այն պատճառով, որ Կլեփն ուզում է ինձ զրկել իմ մահճակալից։
 +
 +
Բայցևայնպես ես ամենևին չեմ ափսոսում, որ Ցայդլերի մոտ սենյակ վարձակալելով՝ պառկած ընկերոջս վերածեցի կանգնած ընկերոջ և ոչ թե ուղղակի կանգնածի, այլ երբեմն վազողի ու դոփողի։ Եթե շեղվենք այն հոգնեցուցիչ ժամերից, որոնք ես, մտքերիս ծանրությունից ճնշված, նվիրում եմ քույր Դորոթեային, ինձ համար անամպ անձնական կյանք էր սկսվել։
 +
 +
― Հելլո, Կլեփ, ― խփում էի նրա ուսին։ ― Եկ ջազ֊բենդ կազմակերպենք։
 +
 +
Եվ նա քնքշորեն շոյեց իմ կուզը, որը գրեթե նույնչափ շատ սիրեց, որչափ իր փորը։
 +
 +
― Մենք Օսկարի հետ ջազ֊բենդ ենք կազմակերպում, ― տեղեկացրեց Կլեփը քաղաքին ու աշխարհին։ Եթե մեզ էլի ինչ֊որ բան է պակասում, ապա դա լավ կիթառահարն է, որը նաև կարող է բանջոյից գլուխ հանել։
 +
 +
Եվ իսկապես էլ թմբուկի ու ֆլեյտայի համար ևս մեկ գործիք է պահանջվում, որը վարում է մեղեդին։ Կոնտրաբասը անենևին էլ վատ չէր լինի, նույնիսկ տեսողական առումով, սակայն պիտանի կոնտրաբասահար գտնելը նույնիսկ դեռ այն ժամանակ չափից դուրս դժվար էր, այդ իսկ պատճառով մենք սկսեցինք եռանդուն փնտրել մեզ պակասող կիթառահարին։ Ինչպես արդեն պատմել եմ սկզբում, մենք հաճախ կինո էինք գնում, շաբաթական երկու անգամ լուսանկարվում էինք և պատրաստի լուսանկարի հետ ամեն տեսակի հիմարություններ էինք կատարում գարեջրի ու սոխով արյունոտ երշիկի ուղեկցությամբ։ Այն ժամանակ Կլեփը ծանոթացավ Իլզայի հետ, թեթևամտության պատճառով նրան նվիրեց իր լուսանկարը և գոնե միայն այդ մեկ պատճառով պարտավոր էր նրա հետ ամուսնանալ, միայն կիթառահարի մենք այդպես էլ չգտանք։
 +
 +
Չնայած հին քաղաքը իր ուռուցիկ ապակիներով, պանրի վրայի մանանեխով, գարեջրի հոտով ու այլ հարավհռենյան հնարաբանություններով ինձ շատ թե քիչ լավ ծանոթ էր Գեղարվեստների ակադեմիայի շնորհիվ, որտեղ ես բնորդ էի աշխատում՝ Դյուսելդորֆը ես իրապես ճանաչեցի միայն Կլեփի կողքին։ Մենք կիթառահար էինք փնտրում Լամբերտի եկեղեցու մոտակայքում, բոլոր գարեջրատներում և, հատկապես, Ռատինգերշտրասեի վրա,, «Միաեղջույրում», որովհետև այնտեղ պարերի ժամանակ Բոբբին էր նվագում, նա երբեմն մեզ թույլ էր տալիս ելույթ ունենալ ֆլեյտայով ու թմբուկով, գովում էր իմ թիթեղը չնայած ինքն էլ գերազանց հարվածային էր, միայն թե նրա աջ ձեռքի մի մատը պակասում էր։
 +
 +
Եվ, չնայած մենք «Միաեղջույրում» կիթառահարի չհանդիպեցինք, ես որոշ չափով փորձ ձեռք բերեցի և, բացի դա,  ռազմաճակատային թատրոնի ժամանակներից էլի որոշ հմտություն էի պահպանել և տեսանելի ապագայում կարող էի ոչ վատ հարվածային դառնալ, եթե քույր Դորոթեան ժամանակ առ ժամանակ իմ ելույթները չձախողեր։
 +
 +
Իմ մտքերի առնվազն կեսը անփոփոխ լինում էր նրա հետ։ Դրա հետ դեռ կարելի էր ինչ֊որ կերպ հաշտվել, մնացող մյուս կեսը սկզբից մինչև վերջ իմ թմբուկի կողքին էր։ Իրականում ստացվում էր այնպես, որ մտքերը, սկսվելով թմբուկից, ավարտվում էին կարմիր խաչով բրոշի մոտ։ Կլեփը, որն իմ թերությունները կարողանում էր վարպետորեն քողարկել իր ֆլեյտայով, ամեն անգամ սաստիկ վշտանում էր, երբ Օսկարը կիսով չափ հեռանում էր իր մտքերի մեջ։
 +
 +
― Միգուցե, դու ուտել ես ուզում։ Քեզ համար արյունոտ երշիկ պատվիրեմ։
 +
 +
Այս աշխարհի բոլոր տառապանքների ետևում Կլեփը գազանային սովածություն էր տեսնում և այդ իսկ պատճառով էլ վստահ էր, որ դրանցից յուրաքանչյուրը կարելի է բժշկել արյունոտ երշիկի մի լավ չափաբաժնով։ Այդ ժամանակներում Օսկարը չափից դուրս քանակով կտրտված սոխով թարմ արյունոտ երշիկ էր կլանում և այդ ամենի վրայից գարեջուր էր խմում, որպեսզի իր ընկեր Կլեփը կարծեր, թե իբր Օսկարի տառապանքը սով, այլ ոչ թե քույր Դորոթեա է կոչվում։
 +
 +
Մեծ մասամբ մենք Յուլիխերշտրասե փողոցի Ցայդլերի բնակարանը վաղ էինք լքում և նախաճաշում էինք Հին քաղաքում։ Իսկ Ակադեմիան ես այցի էի գնում միայն երբ մեզ կինոյի համար փող էր հարկավոր։ Այդ ընթացքում մուսա Ուլլան հասցրեց ոչ այն է երրորդ, ոչ այն է չորրորդ անգամ նշանվել նկարիչ Լանքեսի հետ և, հետևաբար, անմատչելի էր, քանզի Լանքեսը սկսեց ստանալ իր առաջին մեծ արդյունաբերական պատվերները։ Սակայն առանց Ուլլայի կեցվածք ընդունելը Օսկարին ոչ մի հաճույք չէր պատճառում՝ նրան կրկին այլանդակում էին, ամենասարսափելի ձևով սևացնում էին, և այդ իսկ պատճառով ես ինձ ամբողջապես նվիրեցի իմ Կլեփ ընկերոջը, քանզի փոքրիկ Կուրտի հետ, Մարիայի մոտ, ես հանգիստ չէի գտնում, ամեն երեկո այնտեղ էր գտնվում Շտենցել անունով նրա ամուսնացած շեֆն ու երկրպագուն։
 +
 +
Երբ մի անգամ վաղ աշնանը մենք երկուսս դուրս եկանք մեր սենյակներից, որպեսզի մոտավորապես անթափանցիկ ապակու դռան  հարթության վրա հանդիպենք միջանցքում ու այնուհետև գործիքներով դուրս գանք տնից, Ցայդլերը, փոքր֊ինչ բացելով իր հյուրասենյակի, ասել է թե՝ ննջարանի դուռը, մեզ ձայն տվեց։ Նա մեզ վրա հրեց նեղ, սակայն հաստ գորգի փաթույթը և պահանջեց, որպեսզի մենք օգնենք տեղավորել, իսկ հետո նաև ամրացնել գորգը։ Պարզվեց, որ դա ութ մետր քսան սանտիմետր երկարությամբ կոկոսե ուղեգորգ է։ Սակայն, քանի որ Ցայդլերի միջանցքը ընդամենը յոթ մետր քառասունհինգ սանտիմետր երկարություն ուներ, մենք՝ Կլեփն ու ես, ստիպված էինք կտրել ավելորդ յոթանասունհինգ սանտիմետրը։ Մենք դա անում էինք նստած, որովհետև պարզվեց, որ կտրելը չափից դուրս ծանր աշխատանք է։ Իսկ արդյունքում ուղեգորգը պահանջվածից երկու սանտիմետրով կարճ ստացվեց։ Սակայն քանի որ նրա լայնությունը ճշտորեն համապատասխանում էր միջանցքի լայնությանը, Ցայդլերը խնդրեց մեզ, քանզի իր համար իբր դժվար է կռանալը, միացյալ ուժերով գորգը մեխել հատակին։ Հենց Օսկարի մեջ ծագեց մեխելով այն մի քիչ ձգելու միտքը։ Եվ այդ ձևով մեզ հաջողվեց գրեթե ամբողջությամբ լրացնել պակասող երկու սանտիմետրեը։ Ո՛չ Օսկարը, ո՛չ Կլեփը իրենց մատներին չհարվածեցին, չնայած որ մի քանի մեխ ծռեցին, սակայն դա կախված էր Ցայդլերի պահուստային, այսինքն դեռ ռեֆորմներից առաջավա մեխերի որակից։ Երբ կոկոսե ուղեղորգը, կարելի է ասել, կիսաամուր ձևով ամրացված էր հատակի տախտակներին, մենք նրա վրա խաչաձև դրեցինք մեր մուրճերը և աշխատանքի ընթացքին հետևող Ոզնուն նայեցինք ոչ անպատկառորեն, սակայն սպասողաբար։ Նա իսկապես անհետացավ իր սենյակում, ինչից հետո վերադարձավ իր լիկյորագավաթային պահուստից երեք գավաթների և կրկնակի զտված օղու շշի հետ։ Մենք խմեցինք ուղեգորգի ամրության կենացը, ինչից հետո արտահայտեցինք այն միտքը, և կրկին ոչ թե անպատկառորեն, այլ ավելի շուտ սպասողաբար, որ կոկոսե մանրաթելերը ուժեղացնում են ծարավը։ Հնարավոր է, Ոզնու գավաթները ուրախ էին, որ նրանց մեջ մի քանի անգամ շարունակ օղի լցրեցին՝ նախքան հերթական ընտանեկան պայթյունը իրենց կվերածի բեկորների։ Երբ Կլեփը դիտավորյալ ձեռքից վայր գցեց գավաթը ուղեգորգի վրա, գավաթը ո՛չ կոտրվեց և ո՛չ ձայն հանեց։ Մենք բոլորս փառաբանեցինք կոկոսե ուղեգորգին։ Իսկ ահա, երբ ֆրաու Ցայդլերը, որը սենյակից հետևում էր մեր աշխատանքին մեզանից հետո գովեց ուղեգորգը, որովհետև այն օգնում է, որպեսզի հատակին ընկած գավաթները անվնաս մնան, Ոզնին սարսափելի զայրացավ։ Քաշեց ուղեգորգի դեռ չմեխված մասից, երեք դատարկ գավաթները քաշեց իր կողմը, իր բեռի հետ անհետացավ հյուրասենյակում, նույնն է թե ննջարանում, մենք լսեցինք, թե ինչպես զրնգաց պահարանը, այնտեղից ավելի շատ գավաթներ հանեց, որովհետև երեքը նրան քիչ էր՝ և դրանից անմիջապես հետո Օսկարը ծանր երաժշտություն լսեց․ նրա մտավոր տեսողության առջև հայտնվեց ցայդլերյան սենյակի հոլանդական վառարնը, դրա դիմաց ընկած էին ութ կոտրված գավաթներ։ Իսկ Ցայդլերը կռացավ, հատակից բարձրացրեց թիակն ու ավելը և արդեն Ցայդլերի դերում թիակի վրա ավլեց բեկորները, որոնք արտադրել էր որպես Ոզնի։ Իսկ մինչ նա կնոջ թիկունքում ծնգծնգացնում և զնգզնգացնում էր, անձամբ ֆրաու Ցայդլերը մնաց դռների մեջ կանգնած, հետաքրքրվում էր մեր աշխատանքով՝ նամանավանդ, որ մենք երկուսս, երբ Ոզնին սկսեց մոլեգնել, կրկին ձեռքներս վերցրինք մեր մուրճերը։ Սակայն նա այդպես էլ չվերադարձավ, բայց շիշը թողեց մեզ մոտ։ Սկզբում մենք ֆրաու Ցայդլերից անհարմար էինք զգում, երբ հերթով շշի բերանը մոտեցնում էինք մեր շուրթերին։ Սակայն նա բարեհամբյուր ձևով մեզ գլխով էր անում, ինչը այնուամենայնիվ, ամենևին էլ ևս մի կում առաջարկելու մտքին չէր հանգեցնում նրան։ Բայց մենք աշխատում էինք մաքուր և այդպես, մեխը մեխի ետևից, ամրացրեցինք ողջ ուղեգորգը։ Երբ Օսկարը մեխերը խփում էր քույր Դորոթեայի դռան դիմաց, անթափանցիկ ապակին յուրաքանչյուր հարվածից ղրնգում էր։ Դա ցավագին ձևով անհանգստացնում էր Օսկարին, և մի ինչ֊որ առավել ցավագին պահի նա նույնիսկ մուրճը դրեց մի կողմ։ Սակայն հենց որ քույր Դորոթեայի անթափանցիկ ապակիներով դուռը մնաց ետևում, Օսկարն ու իր մուրճը իրենց շատ ավելի լավ զգացին։ Ինչպես աշխարհում ավարտվում է ամեն բան, այդպես ավարտին մոտեցավ նաև կոկոսե ուղեգորգի ամրացումը։ Մի ծայրից մինչև մյուսը վազում էին լայն գլխիկներով մեխերը, նրանք մինչև վզիկները հեռացել էին հատակի տախտակների մեջ և դժվարությամբ էին գլխիկները պահում կոկոսե մանրաթելերի ջրապտույտի վերևում։ Մենք մեզանից գոհ՝ ետ ու առաջ էինք քայլում միջանցքում, հաճույք էինք ստանում ուղեգորգի երկարությամբ, գովաբանում էինք մեր աշխատանքը, ակնարկում էինք, թե ինչ աստիճան դժվար է սոված փորին, առանց նախաճաշելու կոկոսե ուղեգորգ փռելը և, ի վերջո, մեր ակնարկներով հասանք նրան, որ ֆրաու Ցայդլերը համարձակվեց ոտքը դնել նոր, ես նույնիսկ կասեի կուսական ուղեգորգի վրա, դրա վրայով հասավ մինչև խոհանոց, մեզ սուրճ լցրեց և թավայի մեջ մի քանի ձու կոտրեց։ Մենք ուտում էինք իմ սենյակում, Ցայդլերուհին հեռացավ, նրա աշխատանքի՝ Մանեսմանի մոտ գնալու ժամն էր, մենք սենյակի դուռը չփակեցինք, ծամում էինք ու մի փոքր հոգնած ուսումնասիրում մեր աշխատանքի պտուղները՝ մեզ ընդառաջ վազող ուղեգորգը։
 +
 +
Ինչ իմաստ ուներ էժանագին ուղեգորգի մասին այդքան բառեր ասել՝ չնայած փողային ռեֆորմից առաջ այն, անկասկած, որպես փոխանակման առարկա, որոշակի արժեք ուներ։ Օսկարը լսում է այդ լիովին օրինական հարցը և առաջ ընկնելով տալիս է դրական պատասխանը․ հաջորդ գիշեր ես այդ ուղեգորգի վրա առաջին անգամ հանդիպեցի քույր Դորոթեային։
 +
 +
Ուշ կեսգիշերին մոտ, ես գարեջրով ու երշիկով լցված վերադարձա տուն։ Կլեփին լքեցի հին քաղաքում։ Նա շարունակում էր կիթառահարի որոնումները։ Չնայած ես գտա ցայդլերյան բնակարանի  դռների բանալու անցքը, ոտքս դնելով ուղեգորգի վրա՝ գտա նաև ողջ միջանցքը, իսկ դրա մեջ անթափանցիկ, ապակեպատ դռան կողքով դեպի իմ սենյակ տանող ճանապարհը, այնտեղ գտա իմ մահճակաը, սակայն, նախ մի կողմ նետելով հագուստս, դրանից հետո ես էլ ոչ մի տեղ չէի կարողանում գտնել իմ գիշերային հագուստը, լվանալու նպատակով այն տվել էի Մարիային, դրա փոխարեն գտա յոթանասունհինգ սանտիմետր երկարությամբ երիզը, որը կտրել էինք մեծ գորգից, որպեսզի այն կարճացնենք։ Դա գցեցի իմ մահճակալի դիմաց հատակի գորգի փոխարեն։ Անկողնու մեջ ինձ համար տեղ գտա, սակայն նույնիսկ անկողնու մեջ չգտա իմ հագուստը։
 +
 +
Կարիք չկա ձեզ վերապատմել, թե ինչի մասին է մտածում Օսկարը կամ ինչ էր անխորհուրդ պտտում իր գլխի մեջ, որովհետև չէր կարողանում քնել։ Այսօր, ինչպես ինձ թվում է, ես գտել եմ այն ժամանակվա անքնության պատճառը։ Նախքան պառկելը, ես ոտաբոբիկ կանգնեցի մահճակալիս մոտ գցած նոր գորգի վրա, որը կտրված էր մեծ կոկոսե ուղեգորգից։ Կոկոսե մանրաթելերը կպչում էին իմ կրունկներին, նրանք մաշկիս միջով ներթափանցում էին իմ արյան մեջ, և նույնիսկ երբ ես արդեն վաղուց պառկել էի, ճիշտ նույն կերպ շարունակում էի կանգնած մնալ կոկոսային մանրաթելի վրա, այդ իսկ պատճառով էլ քունս չէր տանում, քանզի չկա առավել գրգռող, քունը վախեցնող, մտքերը խթանող բան, քան կոկոսե ուղեգորգի վրա ոտաբոբիկ կանգնելը։ Կեսգիշերից հետո Օսկարը երկար ժամանակ կանգնեց ու պառկեց միաժամանակ գորգի վրա ու մահճակալին՝ մոտավորապես մինչև ժամը երեքը, սակայն այդ ժամանակ ես միջանցքում լսեցի մի դռան ձայն, և ևս մեկ։ Կա֊չկա Կլեփն է տուն վերադառնում, ճիշտ է, առանց կիթառահարի, սակայն ծայրեծայր արյունոտ երշիկով լցված, մտածեցի ես, չնայած հասկանում էի, որ դա ամենևին էլ Կլեփը չէ, որը սկզբում բացեց մի դուռը, իսկ հետո երկրորդը։ Ես մտածեցի նաև, որ, քանի որ դու անիմաստ ընկել ես անկողնու վրա և քո կրունկների վրա զգում ես կոկոսե մանրաթելերը, թերևս, ավելի լավ է դուրս գայիր քո անկողնու միջից և երկու ոտքերով կանգնեիր, ոչ թե մտովի, այլ իրականում, կոկսի գորգի վրա։ Օսկարն այդպես էլ արեց։ Եվ այն իր հետևանքներն ունեցավ։ Հենց որ ես երկու ոտքով կանգնեցի գորգի վրա, այդ յոթանասունհինգ սանտիմետրանոց կտորը կրունկներիս միջով ինձ հիշեցրեց իր ծագման մասին։ Կամ այն պատճառով, որ ես ափսոսացել էի կտրված կտորը, կամ էլ այն պատճառով, որ լսեցի միջանցքի դռների ձայնն ու մտածեցի, թե իբր Կլեփն է վերադարձել, չնայած ինքս իմ մեջ հասկանում էի, որ Կլեփն այստեղ կապ չունի, հենց որ Օսկարը կռացավ, երկու ծայրերից բռնեց կոկոսե մահճակալագորգը, քանի որ անկողին պառկելիս այդպես էլ չգտա իմ գիշերազգեստը, ցցեց ոտքերը, որպեսզի այլևս գորգի վրա չկանգնի, այլ կանգնի հատակին։ Ոտքերի արանքով քաշեց դեպի վեր, յոթանասունհինգ սանտիմետրը պահեց իր մեկ մետր քսանմեկ սանտիմետր հասակով մերկ մարմնի դիմաց, մի խոսքով, արհեստավարժորեն ծածկեց իր մերկությունը, դրա փոխարեն ամրակոսկրերից մինչև ծնկները հայտնվեց կոկոսյան մանրաթելերի ազդեցության տակ։ Եվ այդ զգացումը ավելի ուժեղ դարձավ, երբ Օսկարն իր մանրաթելային հագուստով մութ սենյակից դուրս եկավ մութ միջանցք ու ոտքը դրեց կոկոսե մեծ ուղեգորգի վրա։
 +
 +
Պե՞տք է, արդյոք, զարմանալ, որ ուղեգորգի ճանկռոտման ներքո ես մի քանի շտապողական քայրեր կատարեցի, որպեսզի ազատվեմ դրա ազդեցությունից, որպեսզի փրկվեմ ու սլացա այնտեղ, որտեղ հատակին ոչ մի կոկոսե մանրաթել չկար, սլացա դեպի գուգարան։
 +
 +
Չնայած որ զուգարանում մութ էր, ինչպես միջանցքում և Օսկարի սենյակում, այնտեղ ինչ֊որ մեկը նստած էր։ Ինձ այդ մասին տեղեկացրեց կանացի կարճ ճիչը։ Բացի այդ, իմ կոկոսե կաշին դեմ առավ նստած մարդու ծնկներին։ Իսկ քանի որ զուգարանը ինքնակամ լքելու նվազագույն ցանկություն իսկ չդրսևորեցի, քանզի իմ թիկունքում վտանգավոր ձևով փռված էր կոկոսե ուղեգորգը, այնտեղ նստած անձը ցանկացավ ինձ դուրս հանել։
 +
 +
― Ո՞վ եք դուք, ի՞նչ է ձեզ այստեղ պետք, դուրս եկեք, ― հնչեց ձայնը, որը ոչ մի կերպ չէր կարող պատկանել ֆրաու Ցայդլերին։ Եվ հետո սրտաճմլիկ․
 +
 +
― Ո՞վ եք դուք։
 +
 +
― Իսկ դուք, քույր Դորոթեա, կռահեք, ― թույլ տվեցի ես ինձ կատակել, որպեսզի մեղմացնեմ մեր հանդիպման անհարմարությունը։ Սակայն քույր Դորոթեան չէր ցանկանում կռահել, այլ ոտքի կանգնեց, մթության մեջ ձեռքերը մեկնեց ինձ, ձգտում էր զուգարանից ինձ դուրս հրել դեպի միջանցք, սակայն ձեռքերը չափից դուրս վեր բարձրացրեց, բռնելով իմ գլխավերևի դատարկությունը, ձեռքերը իջեցրեց ավելի ներքև, սակայն բռնեց ոչ թե ինձ, այլ իմ մանրաթելե գոգնոցը, իմ կոկոսե կաշին, կրկին գոռաց, ինչու են կանայք անմիջապես անպայման գոռում, ակնհայտորեն ինձ ինչ֊որ մեկի հետ շփոթեց, սկսեց դողալ, ու շշնջաց․ «Օ, Աստված իմ, սա սատանա է», ինչը իմ մեջ առաջ բերեց կարճատև, սակայն ամենևին էլ ոչ չարախինդ ծիծաղ։ Մինչդեռ նա դա ընկալեց որպես սատանայական քմծիծաղ, իսկ ինձ դուր եկավ «սատանա» բառը, և երբ նա հերթական անգամ, սակայն արդեն բավականին խղճալի հարցրեց․ «Դուք ով եք»․ Օսկարը պատասխանատվությամբ ասաց․
 +
 +
― Ես սատանա եմ, որը եկել է քույր Դորոթեայի մոտ։
 +
 +
Նա դրան ի պատասխան․
 +
 +
― Բայց ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ։
 +
 +
Ես՝ դանդաղորեն մտնելով դերի մեջ և ստիպելով, որ իմ մեջ նստած սատանան աշխատի որպես հուշարար, ասացի․
 +
 +
― Որովհետև սատանան սիրում է քույր Դորոթեային։
 +
 +
― Ոչ, ոչ, ես չեմ ուզում, ― դեռ էլի հասցրեց գոռալ նա՝ փորձելով դուրս պրծնել, կրկին դիպավ իմ կոկոսյա հագուստի սատանայական մանրաթելերին՝ նրա հագին ոչ այլ ինչ էր, քան շատ բարակ գիշերային վերնաշապիկ, և տասը մատիկներն էլ խճճվել էին գայթակղիչ ջունգլիների մեջ՝ նրան դարձնելով թույլ ու դյուրամատչելի։ Հասկանալի է, որ հատկապես թեթևակի թուլությունը քույր Դորոթեային ստիպեց խոնարհվել առաջ։ Կոկոսե կաշվով, որը ես իմ մարմնի վրա քիչ վեր էի բարձրացրել, ինձ հաջողվեց բռնել ուժասպառ խոնարհվողին, ինչից հետո ես կարողացա բավականաչափ ժամանակ պահել նրան, որպեսզի ընդունեի սատանայական որոշումը, թույլ տվեցի, որպեսզի նա, փոքր֊ինչ տեղի տալով, խոնարհվի ծնկների վրա, սակայն հետևեցի, որպեսզի նրա ծնկները իջնեն ոչ թե զուգարանի սառը սալիկների, այլ միջանցքի իմ ուղեգորգի վրա, այնուհետև թողեցի, որպեսզի նա սահի ուղեգորգի վրա, գլխով դեպի արևմուտք, այսինքն՝ դեպի Կլեփի սենյակի կողմը ու թիկունքի վրա ողջ հասակով մեկ փռվի։ Իսկ քանի որ նրա թիկունքը առնվազն մեկ մետր վաթսուն սանտիմետր տարածության վրա շփվում էր կոկոսե ուղեգորգի հետ, ես նրան վերևից ծածկեցի նույն այդպիսի մանրաթելային նյութով, միայն թե վերևից իմ տնօրինության տակ կար ընդամենը յոթանասունհինգ սանտիմետր․ ես իմ գորգը կպցրեցի ուղիղ նրա կզակին, սակայն դրանից մյուս ծայրը չափից դուրս ներքև էր ծածկում նրա ազդրը, այսինքն՝ պետք է մոտ տասը սանտիմետրով տեղաշարժել դեպի վեր, փակելով նրա բերանը, սակայն, այնուամենայնիվ, քույր Դորոթեայի քիթը մնում էր ազատ, այնպես որ նա առանց դժվարության կարող էր շնչել, նա նաև ֆսֆսում էր, ընդ որում, բավականին ակտիվ, երբ Օսկարն իր հերթին պառկեց, պառկեց իր նախկին մահճակալամերձ գորգի վրա ու սկսեց այդ բազմամանրաթելային հյուսվածքը ճոճել։ Ընդ որում, քույր Դորոթեայի մարմնի հետ շփում չփնտրելով և, որպես սկիզբ, թույլ տալով որպեսզի կոկոսի մանրաթելերը ներազդեն նրա վրա, նա նույնիսկ սկսեց խոսել քույր Դորոթեայի հետ, որը դեռևս թեթևակի թուլություն էր զգում, թոթովում էր․ «Օ, Աստված իմ, օ, Աստված իմ», և մերթ ընդ մերթ Օսկարին հարցնում էր, թե ինչպես է նրա անունը և ով է նա, ցնցվում էր կոկոսի ուղեգորգի և մահճակալամերձ գորգի միջև, երբ ես ինձ անվանեցի սատանա և իսկը սատանայի նման ֆշշացրեցի և նույնիսկ վճռորոշ բառերի օգնությամբ հայտնեցի, որ ապրում եմ դժոխքում, իսկ ինքս այդ ընթացքում սողում էի գորգի վրա, ստիպելով, որ այն անընդհատ շարժվի, քանզի կոկոսե մանրաթելերը քույր Դորոթեայի մեջ առաջացնում էին այն զգացմունքները, որոնք շատ տարիներ առաջ իմ սիրեցյալ Մարիային ներշնչում էր այն հանրահայտ թշշացող փոշին։ Միայն մեկ տարբերությամբ՝ փոշին ամբողջությամբ ու ամբողջապես և միանգամայն հաջող ձևով ինձ դրդում էր գործողության, այն դեպքում, երբ կոկոսե գորգի վրա ես խայտառակ պարտություն էի կրում։ Ինձ չհաջողվեց խարիսխ գցել։ Այն, ինչը թշշացող փոշու ժամանակներում և դրանից հետո բազմակի անգամ ներկայանում էր ամուր ու նպատակասլաց, այժմ, կոկոսե մանրաթելի նշանի ներքո, թախծոտ կախել էր իր գլուխը մնալով անտարբեր ու խղճուկ, իր առջև չէր տեսնում ոչ մի նպատակակետ, չէր արձագանքում ո՛չ կոչերին, ո՛չ իմ կողմից արված պերճախոս֊ ինտելեկտուալ համոզմունքներին, ո՛չ քույր Դորոթեայի հոգոցներին, որը շշնջում էր, տնքում, ծվծվում։
 +
 +
― Արի սատանա, դե արի։
 +
 +
Դեռ ես էի ստիպված նրան սփոփել ու հանգստացնել։
 +
 +
― Հիմա սատանան կգա, ուր որ է նա կհասնի, ― փնփնթում էի ես դիտավորյալ սատանայական ձայնով, իսկ ինքս, ինքս չէի ընդհատում երկխոսությունը սատանայի հետ, որն իմ կնունքի ժամանակվանից ապրում էր իմ մեջ և ապրում է մինչ օրս, ես բղավեցի նրա վրա․ «Փնթի գործ մի արա, սատանա»։ Ես աղոթում էի․ «Փրկիր ինձ խայտառակությունից»։ Ես շողոքորթում էի․ «Փրկիր ինձ խայտառակությունից»։ Ես շողոքորթում էի․ «Չէ՞ որ դու  ամենևին այդպիսին չես, դե գոնե Մարիային հիշիր, կամ, ավելի լավ է Գրեֆի արյուն կամ կատակները, որոնցով զբաղվում էինք փոքրիկ ու նրբագեղ Ռոզվիտա Ռագունայի հետ զվարճախինդ Փարիզ քաղաքում»։ Իսկ նա, փնթփնթալով ու կրկնողություններից չվախենալով, պատասխանատու ձևով հայտարարում էր․ «Իսկ ես ցանկություն չունեմ, Օսկար»։ Սակայն երբ սատանան ցանկություն չունի, հաղթանակ է տանում առաքինությունը։ Վերջ ի վերջո ինչ֊որ  ժամանակ սատանան ևս կարող է ցանկություն ունենալ։
 +
 +
Եվ այսպես, նա իր աջակցությունը ինձ մերժեց, իրեն էլի մի քանի նմանատիպ մտքեր թույլ տվեց։ Ես, աստիճանաբար կորցնելով ուժերս, բզկտում ու շփում էի խեղճ քույր Դորոթեայի մաշկը և վերջում՝ նրա կրքոտ «Դե վերջապես, արի, սատանա»֊ին պատասխանեցի հուսահատ ու անիմաստ, քանզի ոչնչով չհիմնավորված, մի անչափ երկար բառով, մտադրվեցի չլիցքավորված ատրճանակով խփել «նպատակակետին»։ Նա, հավանաբար, ուզում էր իր սատանային օժանդակել, զույգ ձեռքերը դուրս հանեց կոկսե գորգի տակից, ցանկացավ ինձ գրկել և նույնիսկ գրկեց, իր ձեռքերի տակ զգաց իմ կուզը, իմ մարդկային ջերմությունը, այլ ոչ թե կոկոսային խորդուբորդ կաշին, չհայտնաբերելով սատանային, որին կոչ էր անում․ «Դե վերջապես արի, սատանա», այլ դրա փոխարեն  հազալով կոկորդը մաքրեց և կրկնեց նախկին հարցը, չնայած այժմ արդեն այլ շեշտադրությամբ։
 +
 +
― Աստծո սիրուն, դուք ո՞վ եք և ի՞նչ եք ուզում։
 +
 +
Ես ստիպված էի հանձնվել, խոստովանել, որ ըստ փաստաթղթերի, ինձ Օսկար Մացերատ են անվանում, որ ես նրա հարևանն եմ, որ ես նրան՝ քույր Դորոթեային սիրում եմ քնքշորեն ու կրքոտ։
 +
 +
Եթե որևիցե մեկը չարախնդալով կմտածի, թե իբր քույր Դորոթեան անեծքներ տալով ինձ բռունցի հարվածներով ետ շպրտեց ուղեգորգի վրա, նրան Օսկարը տխուր, սակայն ոչ առանց բավարարվածության կտեղեկացնի, որ քույր Դորոթեան ընդամենը դանդաղ, կարելի է ասել, մտազբաղ ու անվճռականորեն, ձեռքերը ետ քաշեց իմ կուզի վրայից, և դա անսահման տխուր շոյանքի էր նմանվում։ Իսկ նրա անմիջապես սկսված արտասուքն ու հեծկլտոցը իմ լսողությունը նույնպես ընկալեց որպես լիովին զսպված։ Ես չնկատելով բաց թողեցի այն ակնթարթը, երբ նա, դուրս գալով իմ գորգի տակից, հեռացավ ինձանից, թույլ տվեց, որ ես հեռանամ, և ուղեգորգը խլացրեց նույնիսկ միջանցքով նրա քայլելու ձայնը։ Ես լսեցի նաև, թե ինչպես բացեց դուռը, ինչպես կողպեքի մեջ պտտվեց բանալին, և դրանից հետո քույր Դորոթեայի դռան անթափանցիկ ապակու բոլոր վեց փոքրիկ քառակուսիները ներսի կողմից լցվեցին լույսով ու կյանքով։
 +
 +
Օսկարը պառկել էր ծածկվելով գորգով, որը դեռևս պահպանել էր սատանայական խաղի որոշ ջերմությունը։ Իմ աչքերը սևեռվել էին լուսավորված քառակուսիների վրա։ Երբեմն ներսի կողմից ապակու վրայով ստվեր էր սահում։ Այժմ նա մոտենում է զգեստապահարանին, ասացի ես ինձ, այժմ՝ կոմոդին։ Օսկարը զուր շնային փորձ ձեռնարկեց։ Ես իմ գորգի հետ ուղեգորգի վրայով սողալով մոտեցա նրա դռանը, ճանկռոտեցի դուռը, մի փոքր բարձրացա, փնտրող, աղոթող, ձեռքս անցկացրեցի երկու ներքևի քառակուսիների վրայով, սակայն քույր Դորոթեան դուռը չբացեց, նա անհոգնում քայլում էր պահարանի մոտից դեպի հայելիով կոմոդը։
 +
 +
Ես հասկանում էի և ես չէի ուզում ինձ դրանում խոստովանել․ քույր Դորոթեան հավաքում էր իրերը, փախչում էր, փախչում էր ինձանից։ Ես ստիպված էի թողնել նույնիսկ այն երկչոտ հույսը, որ հեռանալիս նա էլեկտրական լույսի տակ ցույց կտա իր դեմքը։ Սկզբում անթափանցիկ ապակու այն կողմում մթնեց, այնուհետև ես լսեցի բանալու պտույտը, դուռը բացվեց, կոշիկներ՝ ուղեգորգի վրա, ես ձգվեցի նրա կողմը, թափով դիպա ճամպրուկին, այնուհետև գուլպայով ոտքին, սակայն այդ պահին նա, այն կոպիտ ճամբորդական կոշիկներից մեկով, որոնք ես տեսել էի նրա պահարանում, հարվածեց իմ կրծքին, ետ շպրտեց ուղեգորգի վրա և, մինչ Օսկարը կրկին շտկվեց ու թոթովեց «քույր Դորոթեա», ելքի դուռն արդեն փակվել էր․ կինը հեռացել էր ինձանից։
 +
 +
Դուք և բոլոր նրանք, ով կհասկանա իմ տանջանքը, թերևս այժմ կասեք․ այս խայտառակ պատմությունից հետո ի՞նչ ես մնացել միջանցքում կանգնած, Օսկար, գնա մտիր անկողին։ Այժմ ժամը չորսն է։ Դու մերկ պառկած ես կոկոսի ուղեգորգի վրա, աղքատիկ ծակծկող գորգով մի կերպ ծածկված, քո ձեռքերի ափերը ու ծնկները պլոկված են, քո սրտից արյուն է կաթում, քո անդամը մրմռում է, քո խայտառակությունն աղաղակում է դեպի երկինք։ Դու արթնացրիր պարոն Ցայդլերին։ Նա արթնացրեց իր կնոջը։ Հիմա նրանք կգան, նրանք լայն կբացեն իրենց հյուրասենյակի, նույնն է թե ննջասենյակի դուռը և կտեսնեն ինձ։ Գնա անկողին, Օսկար, շուտով հինգը կհնչի։
 +
 +
Ճիշտ նույն խորհուրդները ուղեգորգի վրա պառկած՝ ես ինքս էի տալիս ինձ։ Ես մրսել էի ու շարունակում էի պառկած մնալ։ Ես մտովի փորձում էի վերադարձնել քույր Դորոթեայի մարմինը, սակայն կոկոսե մանրաթելերից բացի ուրիշ ոչինչ չզգացի։ Մանրաթելերը նույնիսկ իմ ատամների արանքում էին, հետո Օսկարի վրա լույսի շերտ ընկավ, ցայդլերյան սենյակի դուռը փոքր֊ինչ բացվեց, ոզնու նմանությամբ կտրվածքով Ցայդլերի գլուխը, իսկ նրա վերևում՝ մետաղական վարսափաթաթուկներով գլուխ՝ Ցայդլերուհու գլուխը։ Նրանք աչքերը չռած նայում էին, նա հազում էր, կինը հռհռում, նա ձայն տվեց ինձ, ես չպատասխանեցի, կինը շարունակում էր հռհռալ, նա կնոջը կարգադրեց լռել, կինը ցանկացավ իմանալ, թե ինչ է պատահել ինձ հետ, նա ասաց, որ այդպես չի կարելի, կինը ասաց, որ իրենք պարկեշտ ընտանիք են, նա սպառնաց ինձ վտարել տնից, իսկ ես շարունակում էի լռել, որովհետև սույն բաժակը դեռ չէր լցվել։ Այդ ժամանակ Ցայդլերը լայն բացեց դուռը և միացրեց միջանցքի լույսը։ Նրանք մոտեցան ինձ և նրանք ունեին չար, սաստիկ չար աչքեր, և այս անգամ նա չէր ցանկանում զայրույթը թափել գավաթների վրա, նա կանգնել եր իմ գլխավերևում, և Օսկարը սպասում էր Ցայդլերյան զայրույթին, սակայն Ցայդլերը այդպես էլ չկարողացավ այն թափել, քանի որ աստիճանավանդակի կողմից աղմուկ լսվեց, քանի որ վրիպոզ ձեռքը սկսեց փնտրել բանալու անցքը և ի վերջո գտավ, որովհետև ներս մտավ Կլեփը և ինչ֊որ մեկին բերեց իր հետ, և այդ ինչ֊որ մեկը նույնչափ հարբած էր, ինչպես որ անձամբ Կլեփը․ նա բերեց Շոլլեին, վերջ ի վերջո ճարած կիթառահարին։
 +
 +
Երկուսով հանգստացրեցին Ցայդլերին ու նրա կնոջը, կռացան Օսկարի վրա, հարցեր չտալով՝ ինձ բարձրացրեցին, և սատանայական գորգի հետ մեկտեղ տարան իմ սենյակ, Կլեփը ինձ շփեց կարմրելու աստիճան։ Կիթառահարը բերեց իմ հագուստը։ Երկուսով ինձ հագցրեցին ու չորացրին իմ արտասուքները։ Հեծկլտոց։ Պատուհանից դուրս եկավ լուսաբացը։ Ճնճղուկները։ Կլեփը ինձ վրա կախեց թմբուկը և ցույց տվեց իր փոքրիկ փայտյա ֆլեյտան։ Ճնճղուկներ։ Ընկերներս ինձ շրջապատեցին, շրջապատեցին երկու կողմից, հեծկլտացող կամազուրկ Օսկարին տարան բնակարանից դուրս, Յուլիխերշտրասեից դուրս, դեպի ճնճղուկները, նրան դուրս բերեցին կոկոսյան մանրաթելերի ազդեցության տակից, տարան առավոտյան փողոցների միջով, շեղությամբ Պալատական այգու միջով, դեպի աստղադիտարանը և մինչև գետի ափը, որը Հռենոս է անվանվում, գորշ, դեպի Հոլանդիա ձգվող, նավեր տանող, որոնց վրա փողփողում էր լվացված սպիտակեղենը։
 +
 +
Այդ մառախլապատ առավոտվա վեցից մինչև տասը մենք մնացինք նստած Հռենոս գետի աջ ափին, մենք՝ ֆլեյտահար Կլեփը, կիթառահար Շոլլեն ու թմբկահար Օսկարը, երաժշտություն էինք ստեղծում, կրկին էինք այն նվագում, խմում էինք նույն շշից, մեր աչքերը թարթելով՝ նայում էինք մյուս ափի բարդիներին, երաժշտությամբ ուղեկցում էինք նավերին, որոնք ածխի բեռով Դյուսբուրգից ծանր բարձրանում էին հոսանքին հակառակ, նվագում էինք արագ ու կայտառ կամ դանդաղ ու տխուր Միսիսիպի֊բլյուզը և անվանում էինք փնտրում հենց նոր հիմնված ջազ֊բենդի համար։
 +
 +
 +
===«Սոխի մառանում»===
 +
 +
 +
Ինչպես մենք էինք սիրում Հռենոսի լայնքով մարգագետինները, այնպես էլ պանդոկի տեր Ֆերդինանդ Շմուհն էր սիրում Դյուսելդորֆի և Կայզերվերդի միջև ընկած Հռենոսի աջ ափը։ Սկզբնական շրջանում մենք մեր համարների համարների փորձերը Շտոկումից վեր էինք անցկացնում։ Իսկ Շմուհը, ի տարբերություն մեզ՝ իր մանր տրամաչափի հրացանով ճնճղուկներ փնտրելով, սանրում էր լանջի ծառերն ու թփերը։ Նա այդպիսի հոբբի ուներ և այդ անելիս հանգստանում էր։ Երբ նրան երբեմն ինչ֊որ բան վրդովվեցնում էր, նա կնոջը հրամայում էր նստել Մերսեդեսի ղեկին, նրանք գնում էին գետի երկայնքով, մեքենան թողնում էին Շտոկումից վերև, նա ոտքով, փոքր֊ինչ հարթաթափությամբ, հրացանը՝ փողով դեպի ներքև, մարգագետինների միջով ետևից քարշ էր տալիս կնոջը, որը կնախընտրեր մնալ մեքենայի մեջ, հետո նրան նստեցնում էր մի որևիցե քարի վրա, իսկ ինքը անհետանում էր թփերի մեջ։ Մենք նվագում էինք մեր ռեգթայմը, նա թփուտների մեջ կրակում էր։ Մինչ մենք ծառայում էինք երաժշտությանը, նա կրակում էր ճնճղուկների վրա։
 +
 +
Շոլլեն, որը Կլեփի պես, հաշված գիտեր քաղաքի բոլոր պանդոկապաններին, հենց որ բուսականության մեջ կրակոցներ էին լսվում, մեզ ասում էր․
 +
 +
― Շմուհը ճնճղուկների վրա է կրակում։
 +
 +
Քանի որ Շմուհն այլևս ողջ չէ, ես կարող եմ անմիջապես, տեղիցս չշարժվելով, մահկանացու արտասանել․ Շմուհը լավ հրաձիգ էր, իսկ միգուցե և լավ մարդ, քանզի նույնիսկ ճնճղուկների վրա կրակելով, նա, չնայած իր ձախ գրպանում մանր տրամաչափի հրացանի զինամթերք էր պահում, սակայն դրա փոխարեն նրա աջ գրպանը լի էր թռչունների կերով և միայն կրակոցներից հետո՝ իսկ մեկ օրում ապանում էր 12֊ից ոչ ավելի ճնճղուկ, նա շռայլ ձեռքով շաղ էր տալիս այդ կերը այլ ճնճղուկների համար։ Երբ Շմուհը դեռ ողջ էր, մի անգամ քառասունինը թվի նոյեմբերյան սառը առավոտյան, մենք արդեն մի քանի շաբաթ նվագախմբով փորձեր էինք անում Հռենոսի ափին, սկսեց մեզ հետ խոսել, ընդ որում, ոչ թե ցածր, այլ չափազանց բարձր ձայնով։
 +
 +
― Ինչպե՞ս կհրամայեք ինձ այստեղ կրակել, երբ դուք զբաղվում եք երաժշտությամբ ու վախեցնում եք իմ թռչնակներին։
 +
 +
― Օ, ― սկսեց Կլեփն իր արդարացման ճառը և պատրաստվելու համար վերցրեց ֆլեյտան, ինչպես զենքը։ ― Դուք հենց այն հազվադեպ հանդիպող երաժշտականն պարոնն եք, որն աննման ռիթմայնությամբ ուղեկցում է մեր մեղեդիներին, երբ կրակում է թփերի մեջ։ Իմ հարգանքները, պարոն Շմուհ։
 +
 +
Շմուհը շատ գոհ էր, որ Կլեփն իրեն կոչեց անունով, սակայն, այնուամենայնիվ, հարցրեց, թե որտեղից Կլեփը իսկապես ասած, գիտի իրեն։ Կլեփը խոր վրդովմունք խաղարկեց, ախր, այդ ո՞վ չի ճանաչում Շմուհին։ Փողոցում հենց միայն դա էլ լսում ես, այ, ահա և Շմուհը գնաց, այժմ Շմուհը կգա, դուք տեսե՞լ եք Շմուհին, իսկ այս ո՞ւր է կորել Շմուհը, իսկ նա այսօր ճնճղուկնե՞ր է սպանում։
 +
 +
Կլեփի կողմից մինչև համաշխարհային մակարդակի հանրահայտության բարձրացված, Շմուհը մեզ առաջարկեց նվագել, հետաքրքրվեց, թե ինչպես են մեզ բոլորիս անվանում, կամեցավ մեր երժշտացանկից ինչ֊որ բան լսել, լսեց վաագրային ռեգթայմը, ինչից հետո կանչեց իր կնոջը, որը մորթե մուշտակով Հռենոսի շիթերի վերևում նստել էր քարի վրա ու մտորում էր։ Նա իր մորթիներով հայտնվեց, և մենք ստիպված եղանք մեր համարը կրկնել, մենք ամենաբարձր մակարդակով ներկայացրեցինք  «High Society», և նա, ամբողջապես մորթիների մեջ, մեր ավարտելուց հետո ասաց․
 +
 +
― Ֆրեդդի, չէ որ դու հատկապես սա էիր փնտրում քո մառանի համար։
 +
 +
Դատելով ամեն ինչից, նա կիսում էր կնոջ կարծիքը, անմիջապես հավատաց, որ վաղուց էր փնտրում մեզ և ահա հիմա գտավ, սակայն, նախ և առաջ մտասուզվելով և, միգուցե մտքում ինչ֊որ բան հաշվել արտակարգ արհեստավարժությամբ ստիպեց, որ Հռենոսի մակերեսի վրայով մի քանի քարեր թռչկոտեն և հետո միայն առաջարկեց երեկոյան իննից մինչև գիշերվա երկուսը նվագել «Սոխի Մառանում», մեկ երեկոյի համար ամեն մարդուն տասը մարկով կամ, ասենք, տասներկուականով, իսկ Կլեփն այդ ժամանակ ասաց՝ տասնյոթ, որպեսզի Շմուհին ավելի հեշտ լինի ասել տասնհինգ, սակայն և այնպես Շմուհը ասաց՝ տասնչորս ու հիսուն, մենք ձեռք ձեռքի տվեցինք։
 +
 +
Փողոցից նայելու դեպքում «Սոխի մառանը» նման էր բազմաթիվ այլ նորագույն փոքրիկ մառաններին, որոնք առավել հներից տարբերվում են նաև նրանով, որ դրանք շատ ավելի թանկ են։ Թանկության պատճառը կարելի է փնտրել մառանների ներքին արտասովոր հարդարանքի մեջ, ինչով մեծ մասամբ հռչակվում էին որպես արիստոկրատական, ինչպես նաև նրանց անվանումների մեջ, քանզի նրանք նրբաճաշակորեն անվանվում էին «Ռավիլիկներ» կամ խորհրդավոր֊էկզիստենցալիորեն՝ «Տաբու», կամ սուր և այրող «Պապրիկա» և կամ էլ ընդհանրապես «Սոխի մառան»։
 +
 +
«Սոխի մառան» բառը և սոխի պարզունակ խոցող նկարը արծնապնակե ցուցանակի վրա դիտավորյալ պատկերված էր անճաշակորեն, իսկ ցուցանակը հին գերմանական ոճով կախված էր բազմաթիվ ոլորագծերով չուգունե բարձակից։ Կանաչագարեջրագույն  ուռուցիկ ապակիները ծածկում էին միակ պատուհանը։ Սուսերներով պատված երկաթյա դռան առջև, որը պետք է կարծել, որ դժվարին տարիներին փակում էր ռմբապաստարանի մուտքը, կանգնում էր գյուղական ոչխարի մորթիով դռնապանը։ «Սոխի մառան» ներս չէին թողնում անխտիր բոլորին։ Նամանավանդ ուրբաթ օրերին, երբ շաբաթվա աշխատավարձը վեր էր ածվում գարեջրի, դադարեցվում էր Հին քաղաքի բնակիչների մուտքը՝ նամանավանդ, որ մառանը նրանց գրպանի համար հարմար չէր։ Իսկ նա, ում այնտեղ թողնում էին, սուսերով դռնից այն կողմում հինգ աստիճան ներքև էր իջնում, հայտնվում էր մեկ մետրաչափ հարթակում, ասես Պիկասոյի ցուցահանդեսից վերցված ցուցապաստառը նման հարթակը նույնիսկ դիտարժան ու ինքնատիպ էր դարձնում, իջնում էր ավելի ներքև, այս անգամ դրանք չորս աստիճաններ էին, և հայտնվում էր հանդերձարանի դիմաց։ «Խնդրում ենք հետո վճարել», ― կոչ էր անում ստվարաթղթե ցուցանակը, և կախիչի մոտ կանգնած երիտասարդ մարդը, մեծ մասամբ Գեղարվեստների ակադեմիայի մորուքավոր աշակերտ, երբեք փողը նախապես չէր վերցնում, որովհետև «Սոխի մառանը», չնայած որ թանկարժեք, սակայն ծանրակշիռ հաստատություն էր։ Տնօրենն անձամբ էր դիմավորում յուրաքանչյուր հյուրի՝ նրան ուղեկցելով հոնքերի այնպիսի ակտիվ շարժումով, այնպիսի ժեստերով, կարծես թե առաջիկայում նա ամեն մի հերթական հյուրի հետ պետք է ձեռքսեղմելու արարողություն սկսեր։ Ինչպես մեզ հայտնի է, տնօրենին Ֆերդինանդ Շմուհ էին անվանում, դեպքից դեպք նա կրակում էր ճնճղուկների վրա և հակում զգում այն հասարակության հանդեպ, որը փողային ռեֆորմից հետո Դյուսելդորֆում ձևավորվել էր բավականին արագ, մյուս տեղերում ևս՝ չնայած որ ավելի դանդաղ։ Ճիշտն ասած, «Սոխի մառանը», և այստեղ մենք լիովին կարող էինք համոզվել բարգավաճող գիշերային հաստատության ծանրակշռության մեջ, ամենաիսկական մառան էր, նույնիսկ՝ որոշ չափով խոնավ։ Իր երկարությամբ ու սառը հատակով այն լիովին կարելի էր համեմատել չորսը տասնութի վրա չափսեր ունեցող աղիքի հետ, որը տաքացվում էր երկու նույնպես իսկական թիթեղյա վառարաններով։ Ճիշտ է, եթե խիստ դատելու լինենք, դա, այնուամենայնիվ, կատարելապես մառան չէր։ Դրա առաստաղը քանդել էին և վերևի մասում մեծացրել՝ միացնելով առաջին հարկի բնակարանը, նշանակում է, որ դրա պատուհանը ևս կատարելապես նկուղային չէր, այլ նախկին առաջին հարկի բնակարանի պատուհանն էր, ինչը որոշ չափով նվազեցնում էր բարգավաճող գիշերային հաստատության ծանրակշռությունը։ Սակայն, քանի որ պատուհանից կարելի էր դուրս նայել, եթե այն չապակեպատեին հաստացված կլոր ապակիներով և եթե նման ձևով դեպի վերև մեծացված մառանի վերին մասում պատշգամբասրահ էին կառուցել, ուր կարելի էր հայտնվել կարծես թե հավաբնից փոխառնված, չափից դուրս ինքնատիպ աստիճաններով, դա, այնուամենայնիվ, առիթ է տալիս մառանը ծանրակշիռ գիշերային հաստատություն համարել՝ սակայն ո՞ր օրենքով նա պետք է լիներ այդպիսին։
 +
 +
Այո, Օսկարը մոռացավ նաև ասել, որ դեպի պատշգամբասրահ տանող հավերի համար թառը, ճիշտն ասած, թառ չէր, այլ ավելի շուտ մի յուրօրինակ նավասանդուղք, քանի որ իրենց թեքության պատճառով այդ չափից դուրս վտանգավոր աստիճանների աջ և ձախ կողմերում կարելի էր բռնվել չլսված ինքնատիպության լվացքի պարաններից, ողջ կառույցը մի փոքր ճոճվում էր, հանգեցնում էր ծովային ճամբորդության մտքին և մառանն էլ ավելի թանկ էր դարձնում։
 +
 +
Կարբիդի լամպերը, ինչպես նրանք, որ իրենց հետ տանում են հանքափորերը, լուսավորում էին «Սոխի մառանը», կարբիդի հոտ էին արձակում, ինչն իր հերթին մեծացնում էր գները և կարծես «Սոխի մառանի» վճարունակ այցելուներին տեղափոխում էին դե, ասենք, երկու հարյուր հիսուն մետր խորության կալիումի հանքափորի գետնանցք։ Մինչև գոտկատեղը մերկացած հորատողները աշխատում են հանքաշերտի հետ, բացում են երակը, շերեփը հանքաքարը դուրս է բերում երկրի մակերես, վերհան մեքենան, փոքրիկ վագոնները լցնելով, ոռնում է և հետո հետևում այնտեղ, որտեղ գնացքը դեպի Ֆրիդրիխսհայլ 2 է թեքվում, կայծկլտում է լույսը, դա ավագ հանքափորն է, նա գալիս է, նա ասում է․ «Երջանկաբեր երկրի երես», տարուբերում է կարբիդի լամպը, որը ճիշտ նույն տեսքն ունի, ինչպես նրանք, որ կախված են «Սոխի մառանի» չներկված, անփութորեն սպիտակեցված պատերին, կախվել և լուսավորում են և հոտ են արձակում, բարձրացնում են գները և ինքնատիպ մթնոլորտ են ստեղծում։
 +
 +
Անհարմար նստատեղեր՝ հասարակ կոպիտ արկղեր, որոնք պատված են սոխի պարկերով, դրա փոխարեն փայլելու աստիճան քերված փայտե սեղանները փայլատակում են, հյուրին գայթակղում են լքել հանքահորը և տեղափոխվել բարեհամբյուր գյուղացիական վերնասրահ, որպիսին երբեմն տեսնում ես կինոյում։ Դե, ահա, ճիշտն ասած, և վերջ։ Այո, իսկ վաճառասեղա՞նը։ Ոչ մի տեսակի վաճառասեղաններ էլ գոյություն չունեն։ Պարոն մատուցող, տվեք խնդրեմ քարտեզը։ Ոչ մատուցող, ոչ քարտեզ։ Կարելի է նաև հիշատակել մեզ, «Հռենոսյան եռյակին»։ Կլեփը, Շոլլեն և Օսկարը նստում էին թառի տակ, որը, ճիշտն ասած, ոչ թե թառ էրմ այլ նավասանդուղք, գալիս էին իննին, հանում էին իրենց գործիքները և մոտավորապես տասին սկսում էին նվագել։ Քանի որ այժմ ընդամենը ինն անց է տասնհինգ, մեր մասին դեռ վաղ է խոսել։ Դեռևս չարժե նայել Շմուհի մատներին, որոնցով նա, լինում են դեպքեր, փոքր տրամաչափի հրացան է բռնում։
 +
 +
Հենց որ մառանը լցվի հյուրերով, իսկ այստեղ կիսով չափն էլ հենց նշանակում է լցվել՝ Շմուհը, տնօրենը, իր վրա էր գցում կաշնեն։ Կաշնեն՝ պայծառ֊կապույտ մետաքս, իր նախշը ուներ, հատուկ նախշը, իսկ այն այստեղ այն պատճառով է հիշատակվում, որ կաշնեն իր վրա գցելը հատուկ նշանակություն ուներ։ Այսպես կարելի է նկարագրել նրա նախշը․ ոսկեգույն, դեղին սոխի գլուխներ։ «Սոխի մառանում» երեկոն համարվում էր բացված, միայն երբ Շմուհն այդ կաշնեով փաթաթում էր պարանոցը։
 +
 +
Հյուրերը՝ գործարարներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստի մարդիկ, նաև թատերական լրագրողներ, կինոյի աշխատողներ, հայտնի մարմնամարզիկներ, ինչպես և երկրամասի կառավարության պաշտոնյաներ, մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց ինտելիգենցիա են անվանում, իրենց կանանց, քարտուղարուհիների, ընկերուհիների հետ նստում էին ջութով պատված բարձերի վրա և, քանի դեռ Շմուհը սոխի գլուխներով կաշնեն չէր փաթաթել պարանոցի շուրջը, ցածրաձայն, ես կասեի նույնիսկ ուժերի լարումով, գրեթե տրտմածությամբ, զրուցում էին։ Մարդիկ այս կամ այն կերպ փորձում էին խոսակցություն վարել, սակայն, չնայած նրանց ամենալուրջ մտադրություններին, ոչինչ չէր ստացվում, նրանք անցնում էին խնդիրների կողքով՝ չնայած նրանք այնպես ազատություն կտային իրենց, չնայած այնպես կներկայացնեին այն ամենը, ինչ մտածում են, ինչը նրանց հանգիստ չէր տալիս, ինչը կուտակվել էր հոգում, ողջ կոկորդով մեկ, որպեսզի գլուխը դրանում մասնակցություն չունենար, արտահայտել սարսափելի ճշմարտությունը, մարդուն ցույց տալ մերկ, ուզում էին և չէին կարողանում։ Այս ու այն կողմում երևում էին կործանված կարիերայի, փլված ամուսնության խավար ուրվագծերը։ Ահա այն խելացի ու մեծածավալ գլխով ու թեթև գրեթե նրբագեղ ձեռքերով պարոնի մոտ կարծես տհաճություններ կան որդու հետ կապված, որին չի բավարարում հոր անցյալը։ Կարբիդի լամպերի լույսի տակ դեռևս հաճելի տեսք ունեցող երկու ջրաքիսով կանայք կարծես թե կորցրել են հավատը, միայն մեկ հարց է մնում բաց․ հատկապես ինչի՞ հանդեպ հավատը։ Մենք դեռ ոչինչ չգիտենք ծավալուն գլխով պարոնի անցյալի մասին և այն մասին, թե ինչպիսի տհաճություններ է կազմակերպում նրա որդին այն այնցյալի պատճառով․ դրա մասին խոսք չի գնում, մի խոսքով, այդ ամենը նման է, այսպիսի համեմատության համար ներեցեք Օսկարին, ածելու պատրաստ հավի․ անընդհատ լարում է մկանները, լարում է մկանները և ոչ մի կերպ․․․
 +
 +
Ահա և «Աոխի մառանում» էին մկաններն ապարդյուն լարում, մինչև որ տնօրեն Շմուհը կարճ ժամանակով հայտնվում էր առանձնահատուկ կաշնեի հետ, շնորհակալանքով լսում էր համընդհանուր ուրախ «ախը», ինչից հետո կրկին մի քանի րոպեով անհետանում էր մառանի վերջի վարագույրի ետևում, որտեղ զուգարաններ էին ու պահեստներ, անհետանում էր ու կրկին դուրս գալիս։
 +
 +
Սակայն ինչու էր կիսաթեթևացած, էլ ավելի ուրախ «ա՜֊ա֊խը» նրան դիմավորում, երբ նա երկրորդ անգամ էր հայտնվում իր հյուրերին։ Ահա բարգավաճող գիշերային հաստատության տնօրենն անհետանում է վարագույրի ետևում, ինչ֊որ բան է վերցնում պահեստանոցից, կիսաձայն մի քիչ կշտամբում է զուգարաններին կից ծառայողուհու վրա, որը նստել է այնտեղ ու նկարազարդ ամսագիր է թերթում, կրկին դուրս է գալիս վարագույրների ետևից, և նրան դիմավորում են ողջույններով, ինչպես Փրկչին, ինչպես հրաշալի կախարդ քեռուն։
 +
 +
Շմուհն իր հյուրերի առջև հայտնվում էր զամբյուղը ձեռքին։ Զամբյուղը ծածկում էր երկնագույն վանդակավոր անձեռցիկը։ Անձեռոցիկի վրա դրված էին խոզերի ու ձկների տեսքով կտրված փայտե տախտակներ։ Այդ մաքուր քերված տախատակները տնօրեն Շմուհը բաժանում էր իր հյուրերին՝ ընդ որում հաջողացնելով խոնարհաբար ողջունել և հաճոյախոսություններ շաղ տալ, որոնք բերում էին այն մտքին, որ նրա պատանեկությունն անցել է Բուդապեշտում ու Վիեննայում։ Շմուհի ժպիտը հիշեցնում էր պատճենի ծիծաղը, որը նկարված էր իբր իսկական Մոնա Լիզայի պատճենից։
 +
 +
Սակայն հյուրերը ամենայն լրջությամբ էին վերցնում տախտակները։ Ոմանք նույնիսկ փոխանակվում էին դրանցով։ Մեկի սրտին առավել հոգեհարազատ էին խոզի ուրվագծերը, մեկ ուրիշ կամ մեկ այլ այցելուհի, եթե խոսքը կնոջ մասին էր, մեկ կտորից կազմված ընտանի խոզից առավել գերադասոում էր խորհրդավորությամբ լցված ձկանը։ Նրանք հոտոտում էին իրենց տախտակները, դրանք ետ ու առաջ էին շարժում, իսկ տնօրեն Շմուհը, շրջայց կատարելով նաև պատշգամբասրահի բոլոր այցելուներին, սպասում էր մինչև տախտակները դադարեցնեն շարժումը։
 +
 +
Այդ ժամանակ, և դրան բոլոր սրտերն էին սպասում, այդ ժամանակ նա, աճպարարից գրեթե ոչնչով չտարբերվելով, հանում էր անձեռոցիկը, զամբյուղիկը երկրորդ անձեռոցիկով էր ծածկում, որի տակ, առաջին հայացքից աննկատ, դրված էին դանակները։
 +
 +
Եվ ինչպես նախկինում Շմուհը տախտակներով էր շրջայց կատարում, այնպես էլ այժմ դանակներով էր շրջայց կատարում մեծացնելով լարումը, ինչն օգնում էր նրան ուռճացնել գները, և հիմա նա հաճոյախոսություններ էլ շաղ չէր տալիս և թույլ չէր տալիս նաև փոխել դանակները, այժմ նրա շարժումներին բնորոշ էր լավ հաշվարկված շտապողականությունը։ «Պատրաստ է, ուշադրություն, ալե֊հոպ», ― բացականչում էր նա, զամբյուղի վրայից պոկում էր անձեռոցիկը, ձեռքը մտցնում էր այնտեղ ու բաժին էր հանում, բաժին էր տալիս, նվերներ էր բաժանում ժողովրդին, դառնում շռայլ նվիրատու, ապահովում էր իր հյուրերին, նրանց սոխի գլուխներ էր բաժանում, նրանք, որ նրա փոքր֊ինչ ոճավորված և ոսկեգույն֊դեղին կաշնեի վրա ուշադրություն էին գրավում ամենասովորական սոխի գլուխները, պալարապտուղները, ոչ թե վարդակակաչների կոճղեզները, այլ սոխի գլուխները, որոնք գնում է տանտիրուհին, սոխի գլուխները, որոնք վաճառում է բանջարեղենի վաճառոհուղին, սոխի գլուխները, որոնք տնկում ու հավաքում է գյուղացին կամ գեղջկուհին կամ բատրակ կինը, սոխի գլուխները, որոնց կարելի է հանդիպել հոլանդական մանրանկարիչների նատյուրմորտներում, որտեղ նրանք պատկերված են մեծ կամ փոքր աստիճանի արժանահավատությամբ։ Ահա այդպիսի և դրանց նման սոխի գլուխներ էր բաժանում տնօրենն իր հյուրերին՝ մինչև որ յուրաքանչյուրի մոտ մեկ սոխի գլուխ հայտնվեր, մինչև որ լսելի դառնար, թե ինչպես են շաչում չուգունե վառարանները և երգում կարբիդե լամպերը։ Նման լռություն էր թագավորում սոխի գլուխների մեծ բաժանումից հետո, և ահա Ֆերդինանդ Շմուհը բացականչում էր․ «Խնդրեմ, իմ լավ պարոնայք» և ձախ ուսի վրայով գցում էր իր կաշնեի ծայրը, ինչպես դա վայրէջքից առաջ դահուկորդներն են անում, և դրանով իսկ նշան էր տալիս։
 +
 +
Սկսում էին սոխի գլուխների վրայից մաքրել կճեպները։ Ասում են, որ սոխի գլխի վրա յոթ հագուստ կա։ Տիկնայք ու պարոնայք խոհանոցային դանակներով սոխ էին մաքրում։ Նրանք դրա վրայից հանում էին մեկը, հանում էին երկրորդը, բաց գույնին, ոսկեգույն դեղինը, կարմրաշագանակագույնը, կամ, առավել ստույգ ասած, սոխի գույնի կաշին նրանք մաքրում էին, մինչև որ սոխի գլուխը դառնում էր ապակենման կանաչ գույնի, սպիտակավուն, խոնավ, ջրալի֊կպչուն, սկսում էր հոտ արձակել, նրանից գալիս էր, նրանից գլուխ սոխի հոտ էր գալիս։ Եվ այդ ժամանակ նրանք սկսում էին մանր կտրտել, ինչպես մանր կտրում են սոխը, արհեստավարժորեն կամ ոչ արհեստավարժ ձևով, խոհանոցային տախտակների վրա, որոնք կրկնում էին խոզի կամ ձկան ուրվագծերը, կտրում էին մեկ և մյուս ուղղությամբ, այնպես, որ հյութը ցայտում էր կամ խառնվում էր սոխի գլուխների վերևի օդին, առավել ավագ տարիքի պարոնները, որոնք դանակների հետ վարվել չգիտեին, պետք է առանձնակի զգուշություն դրսևորեին, որպեսզի իրենց մատները չկտրեին։ Սակայն շատերը, միևնույն է, կտրում էին, չնայած դա չէին նկատում, դրա փոխարեն ավելի արհեստավարժ էին կանայք, սակայն ոչ անխտիր բոլոր կանայք, այլ նրանք, որոնք տանը տնտեսությամբ էին զբաղվում, ով֊ով, բայց նրանք գիտեին, թե ինչպես են կտրատում սոխը, ասենք խնձորով ու սոխի օղակներով թոք տապակելու համար, սակայն Շմուհի մառանում չկար ո՛չ մեկը, ո՛չ մյուսը և ընդհանրապես ուտելու բան չկար, իսկ ով ուտել էր ուզում ավելի լավ է այլ տեղ գնար՝ «Ձկնիկ», այլ ոչ «Սոխի մառան», որովհետև այստեղ միայն սոխ էին կտրատում և ուրիշ ոչինչ։ Իսկ ինչո՞ւ։ Դե, որովհետև մառանն այդպես էր կոչվում և անսովոր մառան էր, որովհետև սոխը, եթե ոնց որ հարկն է նայենք․․․ սակայն Շմուհի հյուրերը այլևս ոչինչ չէին տեսնում, քանզի նրանց աչքերից հոսում էին արտասուքները, և ոչ թե այն պատճառով, որ նրանց սրտերն այդ աստիճան լցված էին, չէ՞ որ որևէ տեղ ասված չէ, որ սիրտը լցվելու դեպքում աչքերից անպատճառ արտասութներ են հոսում, նրա մոտ դա ոչ մի անգամ չի ստացվում, հատկապես, եթե վերցնենք վերջին ու անցած տասնամյակը։ Այդ իսկ պատճառով, մեր հարյուրամյակը, հնարավոր է, ինչ֊որ ժամանակ կանվանեն անարցունք՝ չնայած տանջանքների չափն այն աստիճան մեծ է՝ այ հենց մարդկանց այդ անարցունքության պատճառով էլ մարդիկ, որոնք կարող էին իրենց նման բան թույլ տալ, գալիս էին «Սոխի մառան», որտեղ տնօրենը նրանց խոհանոցային տախտակներ էր նվիրում՝ խոզ կամ ձուկ, ութսուն պֆենիգ արժեցող խոհանոցային դանակ և ամենահասարակ այգեբանջարանոցային խոհանոցային տասներկու մարկ արժեցող սոխի գլուխը, իսկ հետո այն կտրտում էին մանր և էլի ավելի մանր կտորների, մինչև որ սոխի հյութն արդյունքի հասնի։ Իսկ ինչպիսի՞ արդյունքի․ իսկ այնպիսի, ինչպիսին չկարողացավ հասնել ողջ աշխարհը և այդ աշխարհի բոլոր տանջանքները՝ մարդկային կլոր արտասուքի։ Այստեղ բոլորն էին լաց լինում։ Այստեղ բոլորը կրկին արտասվեցին։ Արտասվում էին արժանապատիվ, արտասվում էին անզուսպ, արտասվում էին հեկեկալով։ Արտասուքները հոսում էին և քշում֊տանում պատնեշները։ Այստեղ սելավը ճեղքում֊բացում էր ամբարտակները։ Ինչպես է կոչվում այն գետը, որն ամեն տարի դուրս էր գալիս ափերից, իսկ կառավարությունը բացարձակապես ոչ մի միջոց չի ձեռնարկում։ Իսկ ահա տասներկու ութսուն արժողությամբ բնության երևույթից հետո կուշտ արտասված մարդը սկսում է խոսել։ Սկզբում անվստահ, սեփական խոսքերի մերկությունից ճնշվելով, մառանի հյութերը, որոնք ճաշակել էին սոխի վայելքները, իրենց հոգիներն էին հարևանների առջև բացում անհարմար, թույլ էին տալիս իրենց հարց ու փորձ անել ու աստառով դուրս շրջել, ինչպես շրջում են վերարկուն շուռ տալու համար։ Օսկարը, որ Կլեփի ու Շոլլեի հետ անխոս նստած էր կիսածածկի տակ, ցանկանում էր այստեղ առավելագույն նրբազգացություն դրսևորել, ցանկանում էր բոլոր ակներևություններից, ինքնակշտամբանքներից, մերկացումներից, խոստովանություններից վերապատմել միայն օրիորդ Պիոխի պատմությունը, որն անդադար կորցնում էր իր պարոն Ֆոլմերին, դրա պատճառով քարե սիրտ ու անարտասուք աչքեր ձեռք բերեց և այդ իսկ պատճառով պետք է կրկին ու կրկին այցելության  գար թանկագին «Սոխի մառան»։ Մենք հանդիպեցինք, այսպես սկսեց օրիորդ Պիոխը կուշտ արտասվելուց հետո, տրամվայում։ Ես խանութից էի գալիս, նա մի գերազանց գրքի կրպակի տնօրեն ու ղեկավար է, վագոնը լեփ֊լեցուն էր, և Վիլլին, այդպես են անվանում պարոն Ֆոլմերին՝ ոտքը շատ ուժեղ դրեց իմ աջ ոտքի վրա։ Ես չէի կարողանում նույնիսկ կանգնել, և մենք առաջին հայացքից սիրեցինք միմյանց։ Սակայն քանի որ չէի կարողանում նաև քայլել, նա ինձ առաջարկեց իր ձեռքը, ուղեկցեց, ավելի ճիշտ, ինձ տարավ տուն և հենց այդ ժամանակներից սիրով հոգ էր տանում հենց այն եղունգի մասին, որն ամբողջապես կապտել էր, երբ Վիլլին ոտքը դրել էր նրա վրա։ Մնացածում ևս նա սիրո արտահայտությունների մեջ չէր ժլատանում մինչև որ աջ ոտքիս բութ մատի եղունգը ընկավ, և, բնականաբար, տեղում ազատորեն կարող էր նորը աճել։ Սակայն այն օրվանից, երբ մեռած եղունգս պոկվեց, սառեց նաև նրա սերը։ Մենք երկուսս էլ տառապում էինք դրանից։ Եվ այդ ժամանակ Վիլլին, որը դեռ շատ կապված էր ինձ հետ, քանի որ մեր մեջ, և ընդհանրապես նրա հետ, ընդհանուր շատ բան կար, ինձ սարսափելի առաջարկություն արեց․ արի ես ոտքս դնեմ քո ձախ ոտքի բութ մատի վրա, մինչև որ այն դառնա կարմրակապույտ, իսկ հետո սևակապույտ։ Ես համաձայնեցի, նա այդպես էլ արեց։ Կրկին ինձ վերադարձավ նրա սիրո ողջ լիակատարությունը, և ես կարող էի վայելել այն, մինչև որ ձախ եղունգս թառամած տերևի պես պոկվեց, կրկին եկավ մեր սիրո աշունը։ Այդ ժամանակ Վիլլին ցանկացավ ոտքը դնել իմ աջ ոտքի բութ մատի վրա, որն այդ ժամանակ բավականաչափ աճել էր։ Սակայն այդ ժամանակ ես չհամաձայնեցի։ Ես ասացի, եթե քո սերը իսկական է ու մեծ, ապա այն պետք է եղունգից ավել ապրի։ Նա չհասկացավ իմ բառերն ու ինձ լքեց։ Մի քանի ամիս անց մենք նրա հետ հանդիպեցինք համերգում։ Ընդմիջումից հետո նա առանց հարցնելու նստեց իմ կողքին, որովհետև իմ կողքը, էլի ազատ տեղ կար։ Երբ իններորդ սիմֆոնիայի ժամանակ ելույթ ունեցավ երգչախումբը՝ ես նրա կողմը հարվածի տակ դրեցի իմ աջ ոտքը՝ նախապես կոշիկս հանելով։ Նա անմիջապես շոշափելով գտավ, սակայն ես դրա պատճառով համերգը չխանգարեցի։ Չնայած յոթ շաբաթ անց Վիլլին կրկին ինձ թողեց։ Մենք ևս երկու անգամ կարճ ժամանակով պատկանեցինք միմյանց, որովհետև մեկ անգամ ես նրա ոտքի տակ դրեցի ձախ, մյուս անգամ՝ աջ ոտքս։ Այսօր իմ երկու ոտքերի բութ մատներն այլանդակված են։ Եղունգներս այլևս չեն ցանկանում աճել։ Վիլլին հազվադեպ գալիս էր ինձ մոտ, սարսափով նստում իմ դիմաց՝ գորգի վրա, իմ հանդեպ կարեկցանքով լցված, ինչպես և իր հանդեպ, սակայն առանց որևէ սիրո ու արցունքների, նայում էր եղունգներից զրկված մեր սիրո զոհին։ Երբեմն ես նրան ասում եմ՝ գնանք ինձ հետ, Վիլլի, գնանք «Սոխի մառան», Շմուհի մոտ և մի անգամ ինչպես հարկն է արտասվենք։ Սակայն նա դեռ ոչ մի անգամ չի համաձայնել։ Խեղճն այդպես էլ ոչինչ չգիտի մեծ սփոփողի՝ արտասուքի մասին։
 +
 +
Ավելի ուշ, և Օսկարն այդ մասին պատմում է ձեր հետաքրքրասիրությունը բավարարելու միակ նպատակով, մեզ մոտ՝ մառանում հայտնվեց նաև պարոն Ֆոլմերը՝ ռադիոսարքավորումների խանութի տնօրենը։ Նրանք միասին արտասվեցին և, դատելով ամեն ինչից, ինչպես երեկ իր այցելության ժամանակ ինձ պատմեց Կլեփը, վերջերս ամուսնացել են։ Չնայած որ մարդկային կենցաղի իրական ամբողջությունն իր ամբողջութայն մեջ տեսանելի է դառնում երեքշաբթիից մինչև շաբաթ, կիրակի օրերին մառանը չէր աշխատում, հատկապես երկուշաբթի օրերի հյուրերին բախտ վիճակվեց իրենց ներկայացնել եթե ոչ ամենաողբերգական, ապա դրա փոխարեն որպես ամենաակտիվ արտասվողներ։ Երկուշաբթի օրն ավելի էժան էր։ Շմուհը սոխի գլուխները երիտասարդներին բաժին էր հասցնում կես գնով։ Սկզբնական շրջանում գալիս էին բժիշկներն ու բժշկուհիները։ Ինչպես նաև Գեղարվեստների ակադեմիայի ուսանողները՝ առաջին հերթին նրանք, ովքեր ապագայում ուզում էին նկարչության ուսուցիչ դառնալ, սոխի գլուխների վրա էին մաշեցնում իրենց կրթաթոշակի մի մասը։ Սակայն ես մինչ օրս էլ ինձ հարց եմ տալիս՝ որտեղի՞ց էին սոխի համար փող վերցնում գիմնազիաների շրջանավարտ տղաներն ու աղջիկները։
 +
 +
Պատանեկությունը նույն ձևով չի արտասվում, ինչ ծերությունը։ Պատանեկության խնդիրներն այլ են։ Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ դրանք ստուգողական աշխատանքներին կամ ընդունելությանը նախորդող անհանգստություններ լինեն։ Հասկանալի է, «Սոխի մառանում» ջրի երես էին դուրս գալիս հոր ու որդու հարաբերություններ, մոր ու աղջկա ողբերգական հարաբերությունները։ Չնայած պատանեկությունն իրեն չհասկացված էր զգում, հազիվ թե նա այդ չհասկացվածությունն արտասուքների համար հարգելի պատճառ համարեր։ Օսկարը ուրախանում էր, որ, ինչպես և հին ժամանակներում, պատանեկությունն արտասուք էր թափում հանուն սիրո, ընդ որում պարտադիր չէ, որ հանուն մարմնական սիրո։ Ահա Գերհարդն ու Գուդրունը, սկզբում նրանք միշտ նստում էին ներքևում և միայն ավելի ուշ տեղափոխվեցին միասին՝ պատշգամբասրահում լաց լինելու։
 +
 +
Գուդրունը՝ բարձրահասակ, ուժեղ, ձեռքի գնդակով էր զբաղվում և քիմիա ուսումնասիրում։ Ծոծրակի մասում՝ ճոխ մազափունջ։ Նա իր մոխրագույն և, այնուամենայնիվ մայրական ձևով, որպիսիք մինչև պատերազմի ավարտը կարելի էր տեսնել կանանց միութայն ցուցապաստառներում, ջերմ աչքերով նայում էր ուղիղ իր դիմաց։ Սակայն որքան էլ նրա փոքրիկ, ուռուցիկ ճակատը կաթնագույն֊հարթ ու առողջ էր թվում, նա իր դժբախտությունը ևս դեմքի վրա էր կրում։ Պարանոցից դեպի վեր, գրավելով խոշոր ուժեղ կզակը և երկու այտերը, տղամարդուն բնորոշ խիտ բուսականությունը, որը նա ստիպված էր կրկին ու կրկին թրաշել, սարսափելի հետքեր էին թողնում։ Հավանաբար, օրիորդական նուրբ մաշկը վատ էր տանում ածելին։ Կարմրավուն, ճաքճքված, պզուկոտ մաշկը դժբախտություն է, այլ ոչ թե մաշկ, որի վրա կրկին ու կրկին աճում է մորուքը՝ ստիպելով, որ Գուդրունը աղի արտասուք թափի։ Գերհարդը «Սոխի մառան» եկավ շատ ավելի ուշ։ Այս երկուսը ծանոթացել էին ոչ թե տրամվայի վագոնում, ինչպես օրիորդ Պիոխին ու պարոն Ֆոլմերը, այլ գնացքի վագոնում։ Նա նստած էր նրա դիմաց, և երկուսն էլ վերադառնում էին արձակուրդից, չնայած մորուքին՝ նա անմիջապես սիրեց աղջկան։ Նորածնի պորտի պես հարթ կաշվե ծնոտով աղջիկը չհամարձակվեց նրան սիրել այդ նույն մորուքի պատճառով և հիանում էր նրանով, ըստ էության, նրա դժբախտությունն էր կազմում։  Երիտասարդ տղամարդուն մորուք չէր աճում, ինչը նրան ստիպում էր աղջիկների հետ հարաբերություններում ծայրաստիճան ամաչկոտ լինել։ Եվ այնուամենայնիվ, նա աղջկա հետ խոսեց, երբ նրանք Գլխավոր կայարանում իջնում էին, նրանց միջև առնվազն ընկերություն էր հասցրել հաստատվել։ Այդ համատեղ ուղևորությունից հետո նրանք ամեն օր հանդիպում էին։ Խոսում էին այս ու այն թեմայից, որոշ մտքեր էին փոխանակում, և միայն մի կողմի մոտ բացակայող և մյուսի մոտ մշտապես աճող մորուքի մասին նրանք խոսք չէին բացում։ Բացի այդ, Գերհարդը խնայում էր Գուդրունին և երբեք չէր համբուրում՝ նրա տանջահար մաշկի պատճառով, և նրա սերը դառնում էր ավելի մաքրաբարո, չնայած ո՛չ նա, ո՛չ աղջիկը մաքրաբարոյությունն այդքան բարձր չէին դասում, քանզի վերջ ի վերջո աղջիկը քիմիա էր ուսուցառում, դե իսկ նա ընդհանրապես ուզում էր բժիշկ դառնալ։ Երբ ընդհանուր ընկերը նրանց տվեց «Սոխի մառան» անունը, երկուսն էլ, որ օժտված էին, ինչպես դա լինում է բժիշկների ու քիմիկոսների պարագայում, հոռետեսության բավական մեծ հակումով, արդեն պատրաստ էին արհամարհանքով քմծիծաղ տալ։ Սակայն վերջ ի վերջո նրանք գնացին՝ մեկը մյուսին հավատացնելով, թե գնում են ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Օսկարը իր կյանքում հաճախ չէր տեսել, որ երիտասարդ մարդիկ այդպես արտասվեն։ Նրանք գալիս էին կրկին ու կրկին, իրենցից կտրում էին այդ վեց ու քառասուն մարկը, արտասվում էին պակասող մորուքի համար և այն մորուքի համար, որն այլանդակում էր կանացի նուրբ մաշկը։ Երբեմն նրանք ձգտում էին մառան գնալ, նույնիսկ մեկ երկուշաբթի բաց թողեցին, սակայն հաջորդին կրկին վազելով եկան ու արտասուքները աչքերին, մատներով սոխը կտրատելով, պատմեցին, որ հաճախ են փորձել վեց ու քառասուն մարկը խնայել և էժանագին սոխի հետ այդ նույն բանը կազմակերպել իրենց ուսանողական բնում, սակայն բոլորովին այլ կերպ ստացվեց, քան մառանում։ Անհրաժեշտ էին լսորդներ։ Մարդկանց առկայությամբ շատ ավելի հեշտ է։ Ճշմարտացի համընդհանրության  զգացմանը կարելի էր հանգել, երբ ձախից ու աջից, ու վերևում՝ պատշգամբասրահում, արտասվում էին ուսումնակիցները, այս կամ այն ֆակուլտետի և նույն Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները և, նույնիսկ, գիմնազիստները։
 +
 +
Գերհարդի ու Գուդրունի դեպքում ևս ահա գործն ավարտվեց ոչ միայն արտասուքներով, այլև ապաքինմամբ։ Հնարավոր է, որ արտասուքներն իրենց հետ տարան նրանց բարդույթները։ Նրանք, ինչպես ընդունված է ասել, դարձան մտերիմներ։ Նա համբուրում էր աղջկա բզկտված մաշկը, աղջիկը սքանչանում էր նրա մաշկի հարթությամբ, և եկավ օրը, երբ նրանք մառան չեկան, քանի որ դա նրանց այլևս պետք չէր։ Մի քանի ամիս անց Օսկարը այդ զույգին հանդիպեց Քյոնիգսալլեի վրա և սկզբում նույնիսկ չճանաչեց․ նա՝ անմորուք Գերհարդը, պճնազարդվել էր շեկ գույնի փարթամ, լայնաթավ մորուքով, նա՝ կեղևանքոր Գուդրունը, պահպանել էր ընդամենը վերևի շուրթի վերևի մուգ գույնի աղվամազը, որը նրան շատ էր գեղեցկացնում, իսկ կզակն ու այտերը փայլում էին իրենց հարթությամբ ու ամբողջապես զուրկ էին մազերից։ Այդ ամենը միասին վերցրած նշանակում է ուսանողական ընտանիք՝ Օսկարը կարող էր պատկերացնել իրեն, թե ինչպես են նրանք հիսուն տարի անց իրենց թոռներին պատմում, նա՝ Գուդրունը․ «Դա տեղի ունեցավ այն ժամանակներում, երբ ձեր պապիկը դեռ մորուք չուներ», և նա, Գերհարդը․ «Դա տեղի ունեցավ այն ժամանակներին, երբ ձեր տատիկի մոտ դեռ մորուք էր աճում, և մենք երկուսով ամեն երկուշաբթի «Սոխի մառան» էինք այցելում։
 +
 +
Այժմ դուք կարող եք հարցնել․ իսկ ինչո՞ւ են այդ երեք երաժիշտները դեռևս մնացել նավասանդուխքի կամ կիսածածկի տակ նստած։ Մի՞թե այդ սոխային հաստատությանը, բոլոր արտասուքներին, հեծկլտոցներին ու ատամների կրճտոցներին ավելացրած, անհրաժեշտ էր նաև հաստիքային երաժիշտների իսկական երաժշտությունը։
 +
 +
Հենց հյուրերն ավարտում էին արտասվելն ու խոսելը, մենք ձեռքներս էինք վերցնում մեր գործիքները, երաժշտական տեղափոխություն էինք կատարում դեպի առօրյա խոսակցությունները, հյուրերի համար դյուրին էինք դարձնում «Սոխի մառանին» հրաժեշտ տալը, որպեսզի նրանց տեղը նոր հյուրեր զբաղեցնեն։ Կլեփը, Շոլլեն ու Օսկարը դեմ էին սոխին։ Դրանից բացի Շմուհի հետ կնքած մեր պայմանագրի մեջ կար մի կետ, համաձայն որի մենք իրավունք չունեինք օգտվելու սոխից, ինչպես դա հյուրերն են անում։ Եվ բացի դա էլ դրանք՝ այդ սոխի գլուխները մեզ պետք չէին։
 +
 +
Մեր կիթառահարը՝ Շոլլեն, ընդհանրապես բողոքելու որևիցե պատճառ չուներ, նա մշտապես գոհ ու ուրախ տեսք ուներ, նույնիսկ այն դեպքում, երբ մեկ ռեգթայմի ընթացքում միաժամանակ պոկվում էին նրա բանջոյի երկու լարերը։ Իմ ընկեր Կլեփին մինչ օրս էլ անմատչելի են այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են ծիծղան ու արտասուքները։ Արտասուքները նա համարում էր հետաքրքրաշարժ և ոչ մի անգամ չէի տեսել, որ նա երբևիցե այդքան ուժեղ ծիծաղեր, ինչպես իր մորաքրոջ թաղման ժամանակ, որը լվանում էր նրա գուլպաներն ու վերնաշապիկները՝ մինչև որ նա ամուսնացավ։ Դե, իսկ ինչպիսի վիճակում էին Օսկարի գործերը։ Օսկարը, տեսնում է Աստված, բավականաչափ պատճառներ ուներ արտասուքների համար։ Մի՞թե պետք չէ արտասուքներով սրբել քույր Դորոթեային՝ երկար, երկար, անիմաստ գիշերն էլ ավելի երկար թվացող կոկոսե ուղեգորգի վրա։ Իսկ իմ Մարիան, մի՞թե նա ինձ դժգոհությունների համար առիթ չէր տալիս։ Մի՞թե նրա շեֆը բիլսյան բնակարանում նստած չէր մնացել։ Մի՞թե փոքրիկ Կուրտը՝ իմ որդին, գաղութային ապրանքների կրպակի տիրոջը չէր անվանում «Շտենցել մորեղբայր», իսկ հետո ընդհանրապես «Շտենցել հայրիկ»։ Իսկ մի՞թե իմ Մարիայի թիկունքում, մի՞թե Զասպեի գերեզմանատան սողուն ավազի տակ, Բրենտաուի գերեզմանատան կավի տակ չէին հանգչում իմ խեղճ մայրիկը, ոչ խելամիտ Յան Բրոնսկին, խոհարար Մացերատը, որն իր զգացմունքները միայն ապուրների միջոցով էր կարողանում արտահայտել։ Նրանց բոլորի մահը նույնպես պետք է ողբալ։ Սակայն Օսկարը մեկն է այն փոքրաթիվ երջանիկներից, որոնք ունակ են արտասվելու առանց սոխի։ Ինձ իմ թմբուկն էր օգնում։ Նրան ընդամենը անհրաժեշտ էին մի քանի որոշակի տակտեր, և Օսկարի աչքերից հոսում էին արտասուքները, որոնք ամենևին ավելի լավ կամ վատ չէին, քան «Սոխի մառանի» թանկարժեք արտասուքները։
 +
 +
Տնօրեն Շմուհը ևս երբեք սոխի գլխի օգնությանը չէր դիմում։ Ճնճղուկները, որոնց վրա նա ազատ ժամանակ կրակում էր թփերում ու կանաչ ցանկապատներում, նրան լիարժեք փոխարինում էին տալիս։ Մի՞թե չէին լինում դեպքեր, և բավականին հաճախ, որ Շմուհը կրակելուց հետո տասներկու խփված ճնճղուկներին շարեր թերթի կտորի վրա, լաց լիներ հաճախ դեռ տաք փետուրների կույտի վրա և, լաց լինելը չընդհատելով, ռեյնյան մարգագետիններով ու գետափնյա ավազով մեկ թռչնի կեր շաղ տար։ Բացի այդ, հենց անձամբ սոխի հաստատությունն էր նրան իր ողբը արտահայտելու հնարավորություն ընձեռում։ Նրա մոտ սովորություն էր դարձել շաբաթը մեկ անգամ զուգարաններին կցված հավաքարարուհուն կոպտորեն անպատվելը, նրա վրա այնպիսի, հաճախ հնաոճ հայհոյանքներով, ինչպես՝ պոռնիկ, կնկա անեծք, քաշ եկող, աննորմալ, ապուշ։ «Աչքիցս չքվի՛ր, ― ոռնում էր Շմուհը, ― գարշելի արարա՛ծ»։ Նա իր հավաքարարուհիներին վռնդում էր, նորերին էր վարձում, սակայն որոշ ժամանակ անց նրա մոտ առաջ էին գալիս դժվարություններ, որովհետև նա այլևս չէր կարողանում նոր հավաքարարուհիներ գտնել և ստիպված էր լինում վարձել նրանց, որոնց նա արդեն մի անգամ, կամ շատ անգամ, վռնդել էր։ Հավաքարարուհիները հաճույքով էին վերադառնում «Սոխի մառան», քանի որ այնտեղ լավ էին վարձատրում՝ նամանավանդ, որ տնօրենի անեծքների մեծ մասը նրանք ուղղակի չէին էլ հասկանում։ Արտասուքների պատճառով հյուրերն ավելի շատ էին մտախոհության խցիկներ այցելում, քան մյուս հաստատություններում, դրան ավելացրած՝ արտասովող մարդը մշտապես ավելի շռայլ է, քան չոր աչքերով մարդը։ Ձեռքներն իրենց դրամապանակների մեջ առանձնապես խորն էին մտցնում տղամարդիկ, երբ կարմրած, ուռած, լայնացած դեմքերով «մեկ րոպեով» դուրս էին գալիս։ Դրան գումարած հավաքարարուհիները նրանց վրա հանրահայտ սոխի նախշով և անկյունագծով «Սոխի մառան» գրությամբ թաշկինակներ էին վաճառում։ Թաշկինակները հետաքրքիր տեսք ունեին, նրանք պիտանի էին ոչ միայն արտասուքները սրբելու, այլ նաև գլխին դնելու համար։ Արական սեռի հյուրերը թաշկինակները տալիս էին վերակարման, որպեսզի քառանկյունիներից եռանկյուն պատվադրոշ ստացվեր, դրանք կախում էին իրենց մեքենաների ետևի ապակուն և ամռան ամիսներին Շմուհի «Սոխի մառանը» տանում էին Փարիզ, Լազուրե ափ, Հռոմ, Ռիմինի և, նույնիսկ, դեպի հեռավոր Իսպանիա։
 +
 +
Եվ մենք՝ երաժիշտներս ու մեր երաժշտությունը, մի խնդիր էինք լուծում․ սակավ դեպքերում, հատկապես երբ հյուրերից ոմանք գրեթե միաժամանակ իրար ետևից երկու սոխի գլուխ էին կտրատում, պատահում էին ճեղքվածքներ, որոնք ունակ էին օրգիաների վերափոխվել։ Մի կողմից Շմուհը չէր խրախուսում ամեն կարգի պատնեշների նման փլուզումը, և հենց որ տղամարդկանցից ոմանք սկսում էին թուլացնել իրենց փողկապների հանգույցները, իսկ կանանցից ոմանք՝ մատներով քաշքշել իրենց բլուզների կոճակները, հրամայում էր տալ երաժշտություն, սկսվող անարգությունները դիմավորել երաժշտությամբ, չնայած, մյուս կողմից, հատկապես Շմուհն էր՝ մինչև մի ինչ֊որ որոշակի միջնակետ, որ հարթում էր դեպի Օրգիա տանող ճանապարհը՝ առավել ենթարկվող հյուրեին անմիջապես առաջինից հետո սոխի երկրորդ չափաբաժինը տալով։
 +
 +
Ինձ հայտնի ճեղքումներից ամենահայտնին, որը երբևիցե վերապրել է «Սոխի մառանը», Օսկարի համար պետք է դառնար եթե ոչ կյանքի շրջադարձային կետ, ապա գոնե առնվազն վճռորոշ իրադարձություն։ Շմուհի կինը՝ կենսասեր Բիլլին, հաճախ չէր գալիս մառան,  իսկ եթե գալիս էլ էր, ապա ընկերների հետ, որոնք անչափ ու անչափ Շմուհի սրտովը չէին։ Այսպես, մի անգամ նա իր հետ բերեց երաժշտական քննադատ Վոդեին, ինչպես նաև ճարտարապետ ու ծխամորճ ծխող ոմն Վաքերլեյի։ Երկու պարոններն էլ մտնում էին «Սոխի մառանի» մշտական հյուրերի ցանկի մեջ, սակայն բավական տաղտկալի դժբախտություն կրող էին, Վոդեն կրոնական պատճառներով էր արտասվում՝ նա ոչ այն է ուզում էր կրոնը փոխել, ոչ այն է՝ արդեն մեկ անգամ  փոխել էր և այժմ ուզում էր փոխել երկրորդ անգամ, իսկ ծխամորճներ ծխող Վաքերլեյը արտասվում էր պրոֆեսորության պատճառով, որից, հանուն մի տարօրինակ դանիուհու, հրաժարվել էր քսանական թվերին, իսկ դանիուհին վերցրել ու ուրիշի հետ էր ամուսնացել, լատինաամերիկացու հետ, նրա հետ մեկտեղ վեց հատ երեխա ունեցել, և դա տառապանք էր պատճառում Վաքերլեյին, և դրանից նրա ծխամորճը կրկին ու կրկին էր հանգչում։ Հատկապես չարանենգությունից ոչ զուրկ Վոոդեն էր, որ Շմուհի տիկնոջը դրդեց նույնպես սոխ կտրատել։ Վերջինս կտրատում էր, լցվում արտասուքներով ու թափով գնում առաջ, կինը սկսեց խայտառակել տնօրենին, պատմել այնպիսի բաների մասին, որոնց մասին Օսկարը կլռի զուտ նրբանկատությունից դրդված, այնպես որ, երբ Շմուհը ցանկացավ հարձակվել իր կնոջ վրա, անհրաժեշտ եղավ ամենաամրակզմ տղամարդկանց միջամտությունը․ չէ՞ որ այդ սեղանների վրա խոհանոցային սուր դանակներ էին դրված։ Գազազած Շմուհին բռնած պահեցին այնքան ժամանակ, մինչև որ թեթևամիտ Բիլլին իր ընկերներ Վոոդեի ու Վաքերլեյի հետ անհետացավ։
 +
 +
Շմուհը ալեկոծված էր ու վիրավորված։ Ես դա տեսնում էի նրա պարող ձեռքերից, որոնցով նա ժամանակ առ ժամանակ ուղղում էր կաշնեն։ Նա բազմաթիվ անգամ անհետացավ վարագույրների ետևում, անպատվեց հավաքարարուհուն, ի վերջո վերադարձավ լիքը լցված զամբյուղով և ջղաձիգ, շինծու ուրախությամբ հյուրերին հայտնեց, որ իրեն՝ Շմուհին, պատել է հրաշալի բանաստեղծականությունը և ի պատիվ դրա ինքը մտադիր է այժմ սոխի գլուխները բաժանել անվճար, ինչից անմիջապես հետո անցավ բաժանելուն։
 +
 +
Նույնիսկ Կլեփը, որի համար ցանկացած, ամենաճնշող մարդկային իրավիճակը ընդամենը հրաշալի կատակ էր, եթե նույնիսկ մտածմունքի մեջ չընկավ, ապա մոտ եկավ և արդեն պատրաստ էր պահել իր ֆլեյտան։ Չէ՞ որ մենք հասկանում էինք, թե որքան վտանգավոր էր այդ զգացմունքային ու նրբազգաց հասարակությանը ներկայանում գրեթե առանց ընդմիջման երկրորդ անգամ անզուսպ արտասուքներին տրվելու հնարավորությունը։
 +
 +
Շմուհը զարմացած, որ մենք մեր գործիքները պատրաստ վիճակում ենք պահել, արգելեց մեզ նվագել։ Սեղանների վրայի խոհանոցային դանակները սկսեցին իրենց մանրակտրտման գործունեությունը։ Առաջին, ամենագեղեցիկ, վարդածառի գույնի շերտերը անփութորեն հրվեցին մի կողմ։ Այժմ դանակի տակ ընկավ սոխի գլխի՝ ապակու տեսք ունեցող միջուկը իր սփրթնած֊կանաչ երակներով։ Լացը տարօրինակ կերպով տիկնանցից չսկսվեց։ Ուժերի ամենածաղկուն շրջանում գտնվող տղամարդիկ՝ մեծ ջրաղացի տնօրենը, հյուրանոցի տնօրենը իր փոքր֊ինչ շպարված ընկերոջ հետ, ձեռնարկության բարձրակարգ ներկայացուցիչը, տղամարդկանց հագուստի ֆաբրիկատերերի մի ողջ սեղան, որոնք բոլորը քաղաք էին եկել կառավարության անդամների հետ հանդիպման, և մազերից զուրկ այն դերասանը, որին մենք մեր միջավայրում Կրճտացնող էինք անվանում, որովհետև նա անընդհատ ատամներով կրճտացնում էր, երբ լաց էր լինում, մի խոսքով, նրանք բոլորը սկսեցին արտասուք թափել ավելի վաղ, քան նրանց քաջալերեցին կանայք։ Սակայն տիկնայք և պարոնայք տրվեցին ոչ այն թեթևացնող արտասուքին, որը նրանց մոտ առաջ էր բերում առաջին սոխի գլուխը, ընդհակառակը, այժմ նրանց ցնցում էին ջղային հեկեկոցները․ սարսափելի կրճտացնում էր Կրճտացնողը՝ նմանվելով դերասանի նմուշի, որն ունակ էր ցանկացած հանդիսատեսի դրդել իր հետ կրճտացնելու գործողության, ջրաղացային ձեռնարկության տնօրենն իր ալեհեր հարդարված գլուխը մերթ ընդ մերթ հարվածում էր պատին, հյուրանոցի տնօրենը իր ջղաձիգ հեկեկոցները խառնել էր իր քնքուշ ընկերոջ հեկեկոցներին։ Շմուհը, որը կանգնած էր նավասանդուղքի մոտ, այլևս իր կաշնեի ծայրերը չէր հավաքում և, ոչ առանց գաղտնի հաճույքի, հետևում էր արդեն կիսով չափ սանձարձակացած հասարակությանը։ Իսկ այդ ժամանակ մի ինչ֊որ ծեր տիկին իր փեսայի աչքերի առաջ պատռեց սեփական բլուզը։ Եվ հանկարծ հյուրանոցի տնօրենի ընկերը, որի որոշ չափով անսովոր արտաքինը առանց այդ էլ իր վրա ուշադրություն էր գրավում, մերկացնելով բնական արևառությմբ պատված իրանը, թռավ մի սեղանի վրա, այնուհետև թռավ մի ուրիշի վրա ու սկսեց պարել այնպես, ինչպես հավանաբար Արևելքում են պարում և դրանով բացված համարեց օրգիայի սկիզբը, որը չնայած բավական բուռն սկիզբ ունեցավ, սակայն գաղափարների անբավարարության կամ դրանց ցածրաճաշակության պատճառով մանրամասն նկարագրության արժանի չէ։
 +
 +
Հիասթափված էր ոչ միայն Շմուհը, Օսկարը ևս արհամարհանքով բարձրացրեց հոնքերը։ Մի քանի հաճելիությունից ոչ զուրկ մերկացումներ, տղամարդիկ իրենց վրա կանացի սպիտակեղեն էին կպցնում, ամազոնուհիները փողկապներից ու շալվարակալներից էին բռնվում, այստեղ ու այնտեղ զույգերն առանձնանում էին սեղանի տակ և էլի թերևս արժի հիշատակել Կրճտացնողին, որն ատամներով պատառոտեց կրծկալը, այն ծամեց և կարծես նույնիսկ մի քիչ էլ կուլ տվեց։
 +
 +
Հնարավոր է, որ այդ սարսափելի աղմուկը, այդ «ա֊ա֊ա֊ախ»֊երը և, «օ֊օ֊օ»֊խերը, որոնց ետևում ըստ էության ոչինչ չէր թաքնվում, Շմուհին, որը հիասթափված էր և, հավանաբար, զգուշանում էր ոստիկանությունից, դրդեցին թողնել աստիճանների մուտքի իր տեղը։ Նա կռացավ մեր՝ կիսածածկի տակ նստածներիս կողմը, հրեց սկզբում Կլեփին, հետո ինձ ու շշնջաց։
 +
 +
― Երաժշտությո՛ւն։ Ես ձեզ ասում եմ նվագեք, երաժշտություն։ Ժամանակն է վերջ տալ այս իրարանցումին։
 +
 +
Սակայն պարզվեց, որ Կլեփը, լինելով ոչ պահանջկոտ, տեղի ունեցողը չափազանց հետաքրքրաշարժ համարեց։ Ծիծաղը ցնցում էր նրան և խանգարում, որպեսզի ֆլեյտան ձեռքը վերցնի։ Շոլլեն, որը Կլեփին համարում էր իր ուսուցիչը, ամեն ինչում նմանակում էր նրան, այդ թվում և ծիծաղի մեջ։ Մնում էր միայն Օսկարը, իսկ ինձ վրա արդեն Շմուհը կարող էր հույս դնել։ Ես նստարանի տակից հանեցի թմբուկս, անտարբերությամբ ծխեցի, պրծա սիգարետս և սկսեցի թմբկահարել։
 +
 +
Առանց որևիցե նախնական ծրագրի ես իմ թիթեղի հետ խոսեցի հասկանալի լեզվով՝ մոռանալով նման հաստատությունների համար միօրինակ երաժշտության մասին։ Եվ ամենևին էլ ջազ չէր այն, ինչը նվագում էր Օսկարը։ Ես ընդհանրապես չեմ էլ սիրում, երբ մարդիկ ինձ խելահեղ թմբկահարի տեղ են ընդունում։ Չնայած ես բավականին արհեստավարժ թմբկահար եմ համարվում, ինձ պետք չի զտարյուն ջազմենի տեղ դնել։ Ես սիրում եմ ջազային երաժշտություն, ինչպես սիրում են, օրինակ, վիեննական վալսը։ Ես կարող էի նվագել թե՛ մեկը, թե՛ մյուսը, սակայն չարեցի։ Երբ Շմուհը ինձ խնդրեց գործի դնել իմ թմբուկը, ես սկսեցի նվագել ոչ թե այն, ինչ կարող էի, այլ այն, ինչ ընկալել էի սրտով։ Օսկարին հաջողվեց փայտիկները դնել երբեմնի երեքամյա Օսկարի ձեռքերի մեջ։ Ես փայտիկներով անցա հին ճանապարհներով, երեք տարեկանի դիրքերից լայն բացեցի աշխարհը։ Ես նրան տարա Պոսադովսկիվեգ փողոցում գտնվող Քաուրեր մորաքրոջ մանկապարտեզը։ Դրանով հասա այն բանին, որ նրանց ծնոտները կախվեցին, որ նրանք բռնեցին իրար թաթիկներ, տոտիկները ծռելով պարզեցին առաջ և այդ տեսքով սպասում էին իրենց առնետներին։ Եվ ես լքեցի արահետի տակի տեղը, ստանձնեցի ղեկավարի դերը, նախ և առաջ տիկնանց ու պարոններին տեղեկացրի՝ «Ինչպես ինչ֊որ մեկի տարեդարձին մենք բոքոն թխեցինք», սակայն հենց որ համընդհանուր մանկական ուրախության տեսքով անկասկած հաջողությունը նշեցինք, ես անմիջապես նրանց նաև անհաղթահարելի վախ ներշնչեցի՝ «Որտե՞ղ է մեր խոհարարուհին, սև խոհարարուհին» թմբկահարելով։ Ավելին, ես թույլ տվեցի նրան՝ այն մեկին, որը նախկինում միայն հազվադեպ, իսկ այսօր ավելի ու ավելի հաճախ, հենց ինձ է վախեցնում, որ «Սոխի մառանում» վայրագություններ անի, հսկայական չափսեր ունեցողին, ագռավի թևի պես սևին, բոլորի համար պարզորոշին և հասա նրան, ինչին տնօրեն Շմուհը իր սոխի գլուխների շնորհիվ էր հասնում․ տիկնայք ու պարոնայք արտասվում էին կլոր, մանկական արցունքներով։ Սարսափելի վախենում էին, դողալով խնդրում էին ինձ խղճալ իրենց, և այդ ժամանակ ես, որպեսզի նրանց հանգստացնեմ, որպեսզի նրանց օգնեմ կրկին հագնելու իրենց սպիտակեղենն ու հագուստը, իրենց ոսկին ու թավիշը, թմբկահարեցի․ «Ախր սուտ ես ասում, սուտ, բալիկս, սուտ ես ասում, շատ լավն է գույնը իմ, իսկ վատը դա երկնագույնն է», և «կարմիրն է վատ», և «դեղինն է վատ», և «կանաչն է վատ», մի խոսքով, անցա բոլոր գույներն ու բոլոր երանգները, մինչև որ կրկին դեմ֊դիմաց հայտնվեցի պարկեշտ հագած հասարաության հետ, մանկապարտեզի սաներին ստիպեցի շարվել իրար ետևից և նրանց անկացրեցի ողջ մառանի միջով, կարծես թե դա ոչ թե մառան, այլ Յեշկենթալերվեգ էր, կարծես Գուտենբերգի սարսափ ներշնչող հուշարձանը, կարծես Յոհաննեսվիզեի վրա իսկական գորտնուկներ էին ծաղկում, որոնք տիկնանց ու պարոններին թույլ էր տրվում մանկական ուրախություններ քաղել։ Իսկ հետո, որպեսզի բոլոր ներկաների և հենց Շմուհի վրա թողնեմ այն օրվա հիշողությունը, որն անցկացրել են մանկապարտեզում խաղալիս, թույլ տվեցի, որպեսզի նրանք ջուր թափեն իմ թմբուկի վրա, ասացի՝ մենք հենց մոտենում ենք Սատանայի մութ կիրճին, ճանապարհին հաճարենու ընկույզներ հավաքելով, իսկ այժմ, երեխաներ, կարելի է, ինչից հետո նրանք ջուր թափեցին, բավարարեցին իրենց մանկական պահանջմունքը։ Միզեցին, բոլորը միզեցին, տիկնայք ու պարոնայք միզեցին, տնօրեն Շմուհը միզեց, իմ ընկերներ Կլեփը ու Շոլլեն միզեցին, նույնիսկ մեզանից հեռու գտնվող զուգարաններին կից հավաքարարուհին միզեց, նրանք թրջեցին իրենց վարտիքները և այդ անելիս պպզած նստեցին՝ ականջ դնելով իրենց։ Միայն երբ ավարտվեց այդ երաժշտությունը, Օսկարն ընդամենը թեթևակի, շատ քիչ էր ուղեկցում մանկական նվագախմբին, ես մեծ ու անմիջական հարվածով փոթորկոտ խրախճանքի մեջ կոչ արեցի․
 +
 +
 +
Ապակի֊բաժակ֊ըմպանակ
 +
 +
Շաքար կա, գարեջուր չկա, ափսոս,
 +
 +
Տիկին ձյունահողմը կայրի իր լապտերը
 +
 +
Ու կնստի դաշնամուրի դիմաց։
 +
 +
 +
Անզուսպ, ճչացող, հռհռացող, բլբլացնող երեխաների խմբին տարա նախ հանդերձարան, որտեղ ապշած մորուքավոր ուսանողը մանկության մեջ ընկած հյուրերին հանձնեց վերարկուները։ Այնուհետև թմբուկի թմբկահարումով նրանց բետոնե աստիճաններով ուղարկեցի դեպի վեր, քուրքով դռնպանի կողքով, «Բալալայկան մեջքին դրած, բժիշկը գնում է ժամադրության» սիրված երգով դեպի փողոց։ Եվ հեքիաթային ձևով՝ կարծես պատվերով, շաղ տված աստղերի ներքո, ես արձակեցի պարոններին ու տիկնանց, որոնք դեռ երկար ժամանակ Հին քաղաքում մանկական անվայելուչ արարքներ էին կատարում, չէին կարողանում գտնել տուն տանող ճանապարհը, մինչև որ ոստիկանները նրանց օգնեցին կրկին հիշել իրենց տարիքը, իրենց արժանապատվությունը և իրենց հեռախոսի համարը։
 +
 +
Իսկ ես՝ հռհռացող, թիթեղը շոյող Օսկարս, վերադարձա «Սոխի մառան», որտեղ Շմուհն առաջվա նման ծափ էր տալիս, կանգնած էր թաց վարտիքով, ոտքերը չռած և, թվում էր, թե Քաուեր մորաքրոջ մանկապարտեզում իրեն ավելի վատ չի զգում, քան հռենոսյան մարգագետիններում, որտեղ նա, արդեն որպես մեծահասակ Շմուհ, ճնճղուկներ էր որսում։
 +
 +
 +
===Ատլանտյան ծովապատնեշի մոտ կամ բունկերները այդպես էլ չեն կարողանում իրենց բետոնից ազատվել===
 +
 +
 +
Ես ընդամենը ուզում էի օգնել մառանի տնօրեն Շմուհին։ Իսկ ահա նա այդպես էլ չկարողացավ ինձ ներել թմբուկով իմ ուժեղ ելույթի համար, որը նրա չափազանց վճարունակ հյուրերին դարձրեց բլբլացնող, անհոգ և ուրախ՝ չնայած վարտիքների մեջ միզող և այդ իսկ պատճառով արտասվող երեխաների, ի միջի այլոց, առանց սոխի արտասվող։
 +
 +
Օսկարը ձգտում էր հասկանալ Շմուհին։ Պե՞տք է, արդյոք, նա զգուշանար իմ մրցակցությունից, երբ հյուրերը կրկին ու կրկին մի կողմ էին հրում ավանդական սոխի գլուխները և պահանջում էին Օսկարին, նրա թմբուկը, ինձ, որ ունակ էի դյութանքներով իմ թիթեղի օգնությամբ նրանց մոտ հրավիերլ ցանկացած հյուրի անցյալը, ինչպիսի զառամյալ տարիքի էլ նա հասած լիներ։
 +
 +
Եթե մինչ այժմ Շմուհը առանց նախազգուշացման աշխատանքից ազատում էր միայն իր հավաքարարուհիներին, ապա այժմ ազատեց մեզ՝ իր երաժիշտներին և ջութակահար վարձեց, որին միայն մեծ չափազանցությամբ կարելի էր գնչուի տեղ ընդունել։
 +
 +
Սակայն քանի որ մեր արտաքսումից հետո մառանի հյուրերից շատերը, ընդ որում ամենալավերը, սպառնում էին այսուհետ հրաժարվել այցելություններից, մի քանի շաբաթ անց Շմուհը բարեհաճեց գնալ փոխզիջման, շաբաթական երեք երեկո ճզվզոց էր հանում ջութակահարը, երեք երեկո նվագում էինք մենք, ընդ որում, պահանջեցինք և ստացանք ավելի բարձր հոնորար, ամեն երեկոյի համար քսան մարկ, դրանից բացի, դրամական մանր նվերներն էլ էին դառնում ավելի առատ, Օսկարը նույնիսկ խնայողական գրքույկ ձեռք բերեց և ուրախանում էր տոկոսների նախաշեմին։
 +
 +
Այդ գրքույկը կոչված էր մոտ ապագայում ինձ համար փրկիչ փայտիկ դառնալ, քանզի եկավ մահը և մեզանից խլեց մեր տնօրեն Ֆերդինանդ Շմուհին, մեզ զրկեց աշխատանքից ու աշխատավարձից։
 +
 +
Շատ ավելի վաղ ես ասում էի․ Շմուհը ճնճղուկներ է սպանում։ Երբեմն նա մեզ տանում էր իր հետ, մեզ նստեցնում էր իր «Մերսեդեսը», որպեսզի մենք կարողանայինք տեսնել, թե ինչպես է նա կրակում ճնճղուկներին։ Չնայած իմ թմբուկի պատճառով պատահական բաժանումներին, որոնցից տուժվում էին նաև Կլեփն ու Շոլլեն, որոնք պաշտպանում էին ինձ, Շմուհի և նրա երաժիշտների հարաբերությունները մնում էին ընկերական, մինչև որ, ինչպես արդեն ասվեց, եկավ մահը։
 +
 +
Մենք մեքենա նստեցինք։ Ղեկին, ինչպես միշտ, Շմուհի կինն էր։ Նրա կողքին՝ Կլեփը, Շմուհը՝ Օսկարի և Շոլլեի միջև։ Իր մանր տրամաչափի հրացանը Շմուհը պահել էր ծնկներին և ժամանակ առ ժամանակ շոյում էր։ Մենք հասանք գրեթե մինչև Կայզերվերտ։ Հռենոսի երկու կողմերում ծառերից վարագույրներ են։ Շմուհի կինը մնաց մեքենայի մեջ և բացեց թերթը։ Մինչ այդ Կլեփն իր համար չամիչ էր գնել ու պլանաչափորեն այն կլանում էր։ Շոլլեն, որը մինչև կիթառահար դառնալը ինչ֊որ բան էր ուսումնասիրել, կարողանում էր Հռենոսին նվիրված անգիր բանաստեղծություններ արտասանել։ Ընդ որում, Հռենոսն էլ իրեն չափազանց բանաստեղծականորեն էր դրսևորում և, չնայած ըստ օրացույցի դեռ ամառ էր, իր վրա ոչ միայն բեռնանավեր էր տանում, այլև աշնանային տերևներ, որոնք ալիքների վրա օրորվում էին Դույսբուրգի ուղղությամբ, այնպես,  որ եթե Շմուհի մանր տրամաչափի հրացանը ժամանակ առ ժամանակ մեկ, երկու բառ արտասաներ, Կայզերվերտի արվարձանում օրը կարելի էր լիովին խաղաղ օր անվանել։
 +
 +
Մինչ Կլեփը իր չամիչը հաղթահարեց և սկսեց խոտի վրա իր ձեռքերը սրբել, Շմուհը ևս ավարտեց իր գործը։ Տասնմեկին մոտ արդեն նա փետուրների սառը գնդի ձեռով թերթի վրա դրեց տասներկուերրորդին, նրա խոսքով, դեռ թպրտացողին։ Հրաձիգն արդեն տեղավորում էր իր ավարը՝ քանզի բացարձակապես անհասկանալի պատճառով Շմուհը տուն էր տանում այն ամենը, ինչը կրակելով սպանում էր, երբ շատ մոտ, մոտակա կոճղարմատի վրա իջավ ճնճղուկը, այնքան ցուղադրաբար իջավ, այնքան մոխրագույն էր, մի խոսքով, ճնճղուկի չափանմուշ, որ Շմուհը չկարողացավ տեղում կանգնած մնալ, նա, ով մեկ օրվա մեջ երբեք տասներկուսից ավելի ճնճղուկ չէր սպանել, սպանեց տասներեքերորդին, իսկ ահա այդ բանը նա չպետք է աներ։
 +
 +
Այն բանից հետո, երբ նա տասներեքերորդին դրեց մնացած տասներկուսի մոտ, մենք հեռացանք։ Շմուհի կնոջը մենք գտանք սև «Մերսեդեսի» մեջ քնած։ Սկզբում նստեցին Շմուհը ու Կլեփը՝ ետևի նստատեղին։ Ես ևս պետք է նստեի, սակայն դա չարեցի, ես նրանց ասացի, որ ուզում եմ մի քիչ էլ զբոսնել, իսկ հետո կգնամ տրամվայով, և նրանք թող իմ համար չանհանգստանան․ ահա այդպես, առանց Օսկարի, որը շրջահայացորեն մեքենա չնստեց, նրանք մեկնեցին դեպի Դյուսելդորֆ։
 +
 +
Իսկ ես դանդաղ քայլեցի նրանց ետևից։ Սակայն ես ստիպված չեղա երկար գնալ։ Ճանապարհային աշխատանքների պատճառով այնտեղ շրջանցիկ ճանապարհն անցնում էր խճաքարի ավազահանքի կողքով։ Իսկ ավազահանքի մեջ, որը խճուղու մակարդակից մոտ յոթ մետր ցածր էր, անիվներով դեպի վեր ընկած էր սև «Մերսեդեսը»։
 +
 +
Ճանապարհային բանվորները մեքենայից հանում էին Շմուհի դին և երեք վիրավորներին։ «Շտապ օգնության» մեքենան արդեն ճանապարհին էր։ Ես կոշիկներիս մեջ լի ու լի խճաքար հավաքելով, իջա ավազահանք, փոքր֊ինչ հոգ տարա վիրավորների մասին, թեպետ նրանք, չնայած ցավին, հարցեր էին տալիս, չասացի, որ Շմուհը զոհվել է։ Նա ապակիացած ու զարմացած հայացքով նայում էր երկնքին, որը երեք չորրորդով ծածկված էր ամպերով։ Այդ օրվա ավարով թերթը մեքենայից դուրս էր ընկել։ Ես հաշվեցի ընդամենը տասներկու ճնճղուկ, տասներեքերորդին սակայն չկարողացա գտնել և շարունակեցի փնտրել, նույնիսկ երբ ավազահանք իջեցրին «Շտապ օգնության» մեքենան։
 +
 +
Շմուհի կինը, Կլեփը և Շոլլեն գլուխները պրծացրին թեթև վնասվածքներով․ կապտուկներ, երկու֊երեք կոտրված կողոսկրեր։ Երբ ավելի ուշ ես հիվանդանոցում այցելեցի Կլեփին և սկսեցի այդ դժբախտ պատահարի մասին հարց ու փորձ անել, նա ինձ զարմանահրաշ պատմություն պատմեց․ երբ նրանք դանդաղ շարժվում էին քարուքանդ եղած շրջանցիկ ճանապարհով, ավազահանքի կողքով, թփերի, կենդանի ցանկապատների, ծառերի միջից հանկարծ թռան եկան մոտ հարյուր, ինչ հարյուր, հարյուրավոր ճնճղուկներ, նրանք բոլոր կողմերից շրջապատեցին «Մերսեդեսը», նրանք իրենց խփում էին դիմային ապակուն, վախեցրին Շմուհի կնոջը և զուտ միայն ճնճղուկային ուժով առաջ բերեցին դժբախտ պատահարը և տնօրեն Շմուհի մահը։
 +
 +
Կլեփի այս պատմությանը տարբեր կերպ կարելի է վերաբերվել․ Օսկարը հոռետեսորեն է վերաբերվում, նամանավանդ, որ Շմուհի թաղման ժամանակ, Հարավային գերեզմանատանը նա ավելի շատ ճնճղուկներ չհաշվեց, քան մի տարի առաջ, երբ դեռ որպես քարհատ ու գրանիտագործ, գերեզմանաքարերով էր շրջապատված։
 +
 +
Սակայն դրա փոխարեն վարձով վերցրած ցիլինդրով թաղման թափորի մեջ դագաղի ետևից գնալով, ես իններորդ հատվածում տեսա քարհատ Քորնեֆին, որն ինձ անծանոթ օգնականի հետ երկու հոգու գերեզմանի համար դիաբազե սալաքար էր  տեղափոխում։ Երբ տնօրեն Շմուհին դագաղով տանում էին քարհատի կողքով դեպի նոր յուրացված տասներորդ հատվածը, վերջինս, գերեզմանատնային կարգի համաձայն, հանեց գլխարկը, սակայն ինձ չճանաչեց, միգուցե ցիլինդրի պատճառով։ Միայն պարանոցը շփեց, ինչն ինձ թույլ տվեց հետևություն անել հասունացած կամ գերհասունացած մկնոռախտերի առկայության վերաբերյալ։
 +
 +
Թաղումներ։ Ես ձեզ արդեն այնքան գերեզմանատներ եմ տարել և հիշում եմ, ինչ֊որ ժամանակ ասացի․ մի թաղումը նման է մյուսին, այդ իսկ պատճառով չեմ սկսի ձեզ նկարագրել Շմուհի թաղումը և թաղման ժամանակ դեպի անցյալն ուղղված Օսկարի մտքերը։ Շմուհը հողի մեջ մտավ, պառկեց այնպես, ինչպես կարգն էր և այդ ընթացքում որևէ արտասովոր բան տեղի չունեցավ՝ չնայած ձեզանից չեմ թաքցնի, որ թաղումից հետո ժողովուրդը իրեն լիովին անկաշկանդ էր պահում, քանի որ այրին պառկած էր հիվանդանոցում՝ ինձ հետ խոսակցություն սկսեց մի ոմն պարոն, որը ներկայացավ որպես բժիշկ Դյոշ։
 +
 +
Բժիշկ Դյոշը համերգային գործակալության ղեկավար անձ էր հանդիսանում։ Սակայն գործակալությունը որպես այդպիսին նրան չէր պատկանում։ Դրանից բացի, պարոն Դյոշն իրեն «Սոխի մառանի» նախկին այցելու անվանեց։ Չնայած ես նրան այնտեղ երբեք չէի տեսել։ Այնուամենայնիվ, նա ներկա էր, երբ ես Շմուհի հյուրերին վերածեցի բլբլացող, երանելի փոքրահասակների։ Բացի այդ, անձամբ դոկտոր Դյոշը ևս, ինչպես նա մտերմաբար ինձ հայտնեց, իմ թմբուկի ազդեցության ներքո վերադարձավ մանկության երանելի տարիները, իսկ այժմ ցանկանում էր ինձ ու իմ, ինչպես նա ասաց, «թունդ համարը» մատուցել բարձր մակարդակով։ Նա լիազորված է ինձ առաջարկել համաձայնագիր, բարձրակարգ համաձայնագիր, և ես կարող եմ հենց հիմա, առանց տեղիցս շարժվելու ստորագրել այն։ Դիակիզարանի դիմաց, որտեղ Լեո Խենթուկը, որին Դյուսելդորֆում Բիլլի Փսլնքոտ էին անվանում, սպիտակ ձեռնոցներով սպասում էր թաղման թափորին, դոկտոր Դյոշը ինչ֊որ մի թուղթ հանեց, որը չլսված հոնորարների դիմաց ինձ պարտավորեցնում էր մեծ համերգասրահներում մենահամերգներով ելույթ ունենալ որպես Օսկար֊թմբկահար, բեմի վրա մեն֊մենակ՝ երկու֊երեք հազար հանդիսատեսների առջև։ Դյոշը սաստիկ վշտանում էր, որ ես չեմ ցանկանում հենց այստեղ ու անմիջապես պայմանագիր ստորագրել։ Ես պատճառ բռնեցի Շմուհի մահը, ասացի, թե քանի որ կենդանության օրորք Շմուհը ինձ հետ շատ մոտ էր, ես չեմ կարող հենց այստեղ, գերեզմանատանը, նոր գործատու փնտրել։ Ես ուզում եմ այդ առաջարկը մի լավ վերլուծել, հնարավոր է, մի փոքրիկ ճամբորդություն ձեռնարկել, ինչից հետո մտնել նրա՝ պարոն Դյոշի մոտ և այդ ժամանակ արդեն, եթե մենք գանք համաձայնության, ստորագրել այն, ինչը նա աշխատանքային պայմանագիր է անվանում։
 +
 +
Չնայած ես գերեզմանատանը ոչ մի պայմանագիր էլ չստորագրեցի, Օսկարն իր համար անհրաժեշտ համարեց սեփական ֆինանասկան վիճակի անորոշության պատճառով ստանալ ու թաքցնել կանխավճարը, որը վերոհիշյալ դոկտոր Դյոշը այցետոմսի հետ մեկտեղ նրբանկատորեն ինձ հանձնեց արդեն գերեզմանատան սահմաններից դուրս կանգառում, որտեղ նա կանգնեցրել էր իր ավտոմեքենան։
 +
 +
Ես իսկապես էլ ուղևորություն կատարեցի և նույնիսկ ինձ ընկերակցողներ գտա։ Ճիշտն ասած, ես կնախնտրեի Կլեփի հետ ճանապարհորդել, սակայն նա պառկած էր հիվանդանոցում, և նրան չէր կարելի ծիծաղել, որովհետև կոտրել էր իր չորս կողոսկրերը։ Ոչ պակաս հաճույքով ես կհրավիրեի Մարիային, արձակուրդները դեռ չէին ավարտվել, մենք կարող էինք փոքրիկ Կուրտին վերցնել մեզ հետ։ Սակայն նա մինչև այժմ  կապի մեջ էր իր շեֆ Շտենցելի հետ, որը թույլ էր տալիս, որ փոքրիկ Կուրտը նրան «Շտենցել հայրիկ» անվանի։
 +
 +
Դե ես էլ մեկնեցի նկարիչ Լանքեսի հետ։ Դու ք նրան արդեն գիտեք որպես ավագ եֆրեյտոր Լանքեսի, ինչպես նաև որպես մուսա Ուլլայի ժամանակավոր փեսացուի։
 +
 +
Կանխավճարն ու խնայողական գրքույկը գրպանումս դրած, գալով նկարիչ Լանքեսի մոտ՝ Զիտարդերշտրասե, որտեղ նրա արվեստանոցն էր, ես հույս ունեի այնտեղ գտնել իմ նախկին գործընկերուհուն՝ մուսա Ուլլային, քանի որ հենց նրա հետ էի ուզում ճանապարհորդել։
 +
 +
Ուլլային ես գտա նրա տանը։ Արդեն երկու շաբաթ առաջ, ինչպես ինքը ինձ տեղեկացրեց դռների մեջ, նրանք նշանվել էին։ Արդեն անհնար էր ավելի երկար մնալ Հենսխեն Կրագեսի մոտ, հարկ եղավ չեղյալ հայտարարել նշանդրեքը։ Ի դեպ, արդո՞ք ճանաչում եմ Հենսխեն Կրագեսին։
 +
 +
Ուլլայի վերջին փեսացուին Օսկարը չգիտեր, այդ առիթով հայտնեց իր մեծագույն  ափսոսանքը, այնուհետև արեց համատեղ ուղևորության վերաբերյալ իր շռայլ առաջարկը, սակայն ստացվեց այնպես, որ վրա հասած նկարիչ Լանքեսն ավելի շուտ, քան Ուլլան պատասխանեց համաձայնությամբ, ինքն իրեն որպես ուղեկից փաթաթեց Օսկարի վզին՝ իսկ մուսային, երկարոտն մուսային, ապտակներով կերակրեց այն բանի համար, որ նա չի ցանկանում մնալ տանը, ինչից Ուլլան արտասվեց։
 +
 +
Սակայն Օսկարը, ինչո՞ւ Օսկարը չէր դիմադրում։ Ինչո՞ւ նա, որ պատրաստվում էր գնալ մուսայի հետ, չբռնեց նրա կողմը։ Որքան էլ նա իրեն գեղեցիկ պատկերեր գերսլացիկ, բաց գույնի աղվամազով պատված մուսայի հետ կողք կողքի ուղևորությունը, նրա հետ չափից դուրս սերտ համատեղ կյանքը այնուամենայնիվ վախեցնում էր ինձ։ Մուսաների հետ անհրաժեշտ է տարածություն պահպանել, եթե ոչ մուսայի համբյուրը կարող է քեզ համար փոխարկվել ընտանեկան սովորության։ Այդ դեպքում ավելի լավ է ես գնամ նկարիչ Լանքեսի հետ, որը ծեծում է իր մուսային, երբ վերջինս ուզում է նրան համբուրել։
 +
 +
Այն մասին, թե ուր ենք մենք գնալու, երկար բանավեճեր չեղան, խոսք կարող էր լինել միայն Նորմանդիայի մասին։ Մենք ցանկանում էինք այցի գնալ Կաննի ու Կաբուրի միջև գտնվող բունկերներին, քանզի պատերազմի ժամանակ այնտեղ էինք ծանոթացել։ Մեզ համար միակ դժվարությունը կայանում էր թույլտվության ձեռքբերման մեջ, սակայն դրա հետ կապված պատմության մասին Օսկարը ոչ մի բառ չի ասի։
 +
 +
Լանքեսը շատ ժլատ մարդ է։ Որքան որ նա վատ աստառված կտավի վրա վատնողաբար է ծախսում չնայած որ էժանագին կամ ինչ֊որ մեկից խնդրելով ստացած ներկերը, այդքան էլ խնայողաբար ու տնտեսվարորեն է վերաբերվում թղթե և մետաղյա դրամների հետ։ Նա երբեք իր համար սիգարետներ չի գնում, սակայն մշտապես ծխում է։ Որպեսզի ցույց տամ նրա հիմնավոր ժլատությունը, պատմեմ․ հենց որևէ մեկը նրան սիգարետ է հյուրասիրում, նա շալվարի ձախ գրպանից հանում է տասը պֆենիգանոց մետաղադրամը, կարճ ժամանակով այն բարձրացնում վեր, ինչից հետո՝ դնում աջ գրպանը, որտեղ օրվա ժամից կախված արդեն կուտակված էին լինում շատ կամ քիչ մետաղադրամներ։ Նա ծխում էր անխոնջաբար և մի անգամ, լինելով լավ տրամադրության մեջ, պարծեցավ․ «Ես ամեն օր երկու մարկից ոչ պակաս կուշտ սիգարետ եմ ծխում»։
 +
 +
Քանդված տան հետ այն հողակտորի դիմաց, որը մոտավորապես մեկ տարի առաջ Լանքեսը գնեց Վերստենում, վճարված է, կամ ավելի ստույգ ասված, ծխված է նրա մոտիկ ու հեռավոր ծանոթների սիգարետներով։
 +
 +
Ահա հենց այդ Լանքեսի հետ էլ Օսկարը մեկնեց Նորմանդիա։ Մենք մեկնեցինք ճեպընթաց գնացքով։ Լանքեսը կգերադասեր գնալ նույնընթաց անվճար մեքենաներով, սակայն, քանի որ ես էի վճարում և հրավիրում, նա ստիպված էր համաձայնել։ Կաննից մինչև Կաբուրա մենք գնացինք ավտոբուսով։ Բարդիների կողքով, որոնց ետևում կենդանի ցանկապատներով ծածկված, տարածվում էին մարգագետինները։ Շագանակագույն բծերով սպիտակ կովերը տեղանքը նմանեցնում էին կաթնային շոկոլադի գովազդին։ Միայն թե փաթեթի փայլուն թղթի վրա պետք չէր ցույց տալ պատերազմի թերևս ակնհայտ հետքերը, որոնք իրենց կնիքն էին թողել ցանկացած գյուղի վրա, դրանց թվում նաև Բավեն գյուղակի վրա, որտեղ ես կորցրեցի Ռոզվիտային։
 +
 +
Կաբուրից մենք ոտքով ծովափով անցանք մինչև Օրնայի գետաբերան։ Անձրև չկար։ Լե֊Հոմից ավելի ներքև Լանքեսն ասաց․
 +
 +
― Ահա և մենք տանն ենք։ Հլա մի սիգարետ տուր։
 +
 +
Դեռ այն ժամանակ, երբ նա մետաղադրամը մի գրպանից վերաբնակեցնում էր մյուսի մեջ, նրա մշտապես առաջ մղված գայլի գլուխը ցույց էր տալիս ավազաբլուրներում անվնաս մնացած բազմաթիվ բունկերները։ Նա նրբանկատորեն ձախից վերցրեց իր ուղեպայուսակը, փոխադրովի նկարակալն ու մեկ դյուժին ենթաշրջանակները, աջից վերցրեց ինձ ու տարավ բետոնի հետ հանդիպման։ Օսկարի ուղեբեռը բաղկացած էր փոքրիկ ճամպրուկից ու թմբուկից։
 +
 +
Ատլանտյան ծովապատնեշի մոտ մեր մնալու երրորդ օրը, այդ ընթացքում մենք հասցրեցինք սողուն ավազից մաքրել «Դորա» բունկերի ներսը, հեռացրեցինք առանձնություն փնտրող զույգերի զզվելի հետքերը, մեկ արկղի ու ննջապարկերի օգնությամբ կայարանը դարձրինք բնակության համար քիչ թե շատ պիտանի, Լանքեսը ծովափի ձկնորսների մոտից բավականին լավ ձողաձուկ բերեց։ Նա նրանց նավակն էր նկարել, նրանք էլ նրա ձեռքը զոռով ձողաձուկ էին խցկել։
 +
 +
Քանի որ մենք մինչ այժմ բունկերը «Դորա֊7» էինք անվանում, պետք չէ զարմանալ, որ երբ Օսկարը մաքրում էր ձողաձուկը, նրա մտքերը հեռանում էին քույր Դորոթեայի մոտ։ Ձկան լյարդը և սերմնագեղձերը տարածվում էին նրա ձեռքերի վրա։ Ես մաքրում էի ձուկը արևին հակառակ կանգնած, ինչը Լանքեսը որպես առիթ էր օգտագործում ջրանկարը ուրվագծելու համար։ Մենք, քամուց պաշտպանվելով, նստում էինք բունկերում։ Օգոստոսյան արևը կախված էր ուղիղ նրա բետոնե գավթի վրա։ Ես սկսեցի ձուկը լցոնել սխտորի պճեղներով։ Այն տեղը, ուր առաջ սերմնագեղձերն էին, լյարդը, աղիքները, ես լցրեցի սխտորով, պանրով ու ծոթորով, սակայն սերմնագեղձերը և լյարդը չթափեցի, այլ այդ նրբախորտիկները տեղավորեցի ձկան բերանի մեջ՝ այն կիտրոնով համեմելով։ Լանքեսը թափառում էր մոտակայքում և ամեն ինչ հոտոտում։ Կարծես սեփական տիրույթ ոտք դնելով, նա մտավ «Դորա֊4», «Դորա֊3» և էլ ավելի հեռու գտնվող բունկերները։ Ետ վերադարձավ տախտակներով ու ստվարաթղթի մեծ կտորներով, որոնց վրա նկարում էր։ Ինչից հետո փայտը փոխանցեց կրակին։
 +
 +
Մենք ողջ օրն առանց դժվարության պահպանում էինք փոքրիկ խարույկը, որովհետև ամեն երկու քայլի ափին ցցված էին ալիքների բերած փետուրիկի պես թեթև, չորացած փայտերը, որոնք փոփոխական ստվերներ էին գցում։ Ես պատշգամբի ճաղավանդակի մի կտոր, որը Լանքեսն էր պոկել ինչ֊որ մի լքված առանձնատնից, գցեցի այդ ընթացքում կարմրած ածուխների վրա, ձկան վրա ձիթապտղի յուղ քսեցի, այն ճաքճքվող ձողաձկան վրա մի քանի կիտրոն ճզմեցի և թողեցի, որ այն դանդաղ, որովհետև ձկանը պետք չէ շտապեցնել, հասնի ուտելի վիճակի։
 +
 +
Իսկ սեղանը մենք պատրաստեցինք բազմաթիվ դատարկ դույլերից և վերևից պատեցինք բոլոր կողմերից ցցված բազմաթիվ անգամ կոտրված ռուբերոիդով։ Պատառաքաղներն ու թիթեղյա ափսեները մեզ հետ էինք բերել։ Լանքեսին շեղելու համար, ճայի նման լեշի նկատմամբ ագահ, նա դանդաղ հասունացող ձկան շուրջն էր պտտվում, ես բունկերից դուրս բերեցի իմ թմբուկը։ Ես այն դրեցի լողափի ավազի վրա և սկսեցի թմբկահարել, անընդհատ ռիթմը փոխելով, թուլացնելով ալեբախության և սկսվող մակընթացության ձայնը, թմբկահարում էի քամուն հակառակ․ Բեբրայի ռազմաճակատային թատրոնը եկել էր բետոնը զննելու։ Կաշուբյան հարթավայրերից՝ Նորմանդիա։ Ֆելիքսն ու Քիթթին, երկուսն էլ մարմնամարզիկներ, միահյուսվում էին հանգույցի մեջ, հյուսվածքը քանդում էին բունկերի տանիքի վրա, քամուն հակառակ, ինչպես և Օսկարն էր թմբկահարում քամուն հակառակ, արտասանում էին բանաստեղծություն, որի անփոփոխ կրկներգը պատերազմի ամենաեռուն պահին հարմարավետ դարի մոտենալն էր խոստանում․ «Ուրբաթ օրերի ձուկը ձվածեղ՝ մենք մոտենում էինք Բիդերմայերին», ― արտասանում էր Քիթթին իր սաքսոնական բարբառով, իսկ Բեբրան՝ իմ իմաստուն Բեբրան՝ քարոզչական վաշտի կապիտանը, որպես հավանության նշան շարժում էր գլուխը, իսկ Ռոզվիտան, Միջերկրական ծովից իմ Ռագունան, բարձրացրեց բացօդյա ճաշկերույթների իր զամբյուղը, հենց բետոնի վրա սեղան բացեց, հենց «Դորա֊7» բունկերի վրա, և այդ ժամանակ ավագ եֆրեյտոր Լանքեսը ևս սպիտակ հաց էր ուտում, շոկոլադ էր խմում, կապիտան Բեբրայի սիգարետներն էր ծխում․․․
 +
 +
― Տեր իմ Աստված, Օսկար, ― նկարիչ Լանքեսն ինձ երկիր վերադարձրեց։
 +
 +
― Ես կուզենայի այնպես նկարել, ինչպես դու թմբկահարում ես։ Հլա մի սիգարետ տուր։
 +
 +
Ես թմբուկը դրեցի մի կողմ, իմ ուղեկցին սիգարետ տվեցի, համտեսեցի ձուկը և գտա, որ այն չափազանց հաջողված է, նուրբ է և սպիտակ, և նրա աչքերն էլ սաստիկ դուրս էին եկել։ Դանդաղ, ոչ մի մասը աննկատ չթողնելով, ես վերջին կիտրոնը ճզմեցի տեղ֊տեղ տապակված, տեղ֊տեղ ճաքճքված կաշվի վրա։
 +
 +
― Ուտել եմ ուզում, ― հառաչեց Լանքեսը՝ առաջ գցելով իր երկար, սուր, դեղին ատամները և կապիկի նման երկու բռունցքներով հարվածեց իր վանդակավոր վերնաշապիկով ծածկված կրծքին։
 +
 +
― Գլո՞ւխը, թե՞ պոչը, ― այդպիսի հարց տվեցի ես նրան և ձուկը դրեցի մագաղաթանման թղթի վրա, որով սփռոցի փոխարեն պատված էր սեղանը։
 +
 +
― Իսկ դո՞ւ ինչ խորհուրդ կտաս, ― Լանքեսը հանգցրեց սիգարետը և մնացորդը խնամքով թաքցրեց։
 +
 +
― Որպես ընկեր ես կասեի՝ վերցրու պոչը։ Որպես խոհարար, ես կարող եմ քեզ առաջարկել գլուխը։ Իսկ իմ մայրը, որը ձկան մեծ սիրահար էր, այժմ կասեր․ «Պարոն Լանքես, ավելի լավ է վերցնեք պոչը, պոչի հետ ծայրահեղ դեպքում գիտես թե ինչ ունես։ Իսկ ահա բժիշկն իմ հայրիկին, ընդհակառակը խորհուրդ տվեց․․․
 +
 +
― Բժիշկների հետ ես ոչ մի կապ չունեմ։ ― Իմ խոսքերը Լանքեսին հավատ չներշնչեցին։
 +
 +
― Բժիշկ Հոլլացն իմ հորը միշտ խորհուրդ էր տալիս ուտել ձողաձկան կամ, ինչպես մեզ մոտ այն ժամանակ անվանում էին, փրփրուկի միայն գլուխը։
 +
 +
― Այդ դեպքում ես կվերցնեմ պոչը։ Ես զգում եմ, որ դու ուզում ես հիմարացնել ինձ։
 +
 +
― Իսկ Օսկարին էլ հենց դա է պետք։ Ես գնահատում եմ գլուխը։
 +
 +
― Ոչ, այդ դեպքում ես գլուխը կվերցնեմ, եթե դու այդքան շատ ես այն ուզում։
 +
 +
― Քեզ համար ապրելը դժվար է, Լանքես, ― ցանկացա ավարտել մեր երկխոսությունը։
 +
 +
― Վերցրու գլուխը, ես պոչը կվերցնեմ։
 +
 +
― Դե ինչպես, տղա, ես քեզ խաբեցի՞։
 +
 +
Օսկարը խոստովանեց, որ Լանքեսը խաբել է նրան։ Չէ՞ որ ես չգիտեի, որ նրա համար համեղ կլինի միայն այն դեպքում, եթե նրա ատամների մեջ ձկան հետ միաժամանակ լինի նաև վստահությունը, որ ինքն ինձ խաբել է։ Ես նրան անվանեցի խաբեբա սատանա, հաջողակ, երջանիկ մարդ, ինչից հետո մենք հարձակվեցինք ձողաձկան վրա։
 +
 +
Նա վերցրեց գլխով մասը, ես կիտրոնի հյութի մնացորդները ճզմեցի պոչի սպիտակ, մասերի բաժանվող մսի վրա, որից առանձնանում էին կարագի պես փափուկ սխտորի պճեղները։
 +
 +
Լանքեսը ատամներով մանրում էր ոսկորները՝ ինձ ու պոչամասի վրա նայելով, հետո ասաց․
 +
 +
― Թող մի քիչ համտես անեմ քո պոչից։
 +
 +
Ես գլխով արեցի, նա փորձեց, սակայն այնուամենայնիվ մնաց կասկածի մեջ, մինչև որ Օսկարը գլխից մի կտոր կերավ և կրկին նրան հանգստացրեց․ դե իհարկե, Լանքեսը, ինչպես միշտ, լավագույն կտորն է վերցրել։
 +
 +
Ձկան վրա մենք կարմիր գինի խմեցինք, ինչի համար ես ափսոսացի․ ինձ համար ավելի լավ կլիներ, եթե սուրճի գավաթներով սպիտակ գինի ունենայինք։ Լանքեսը ցրեց իմ մտորումները, ասաց, որ երբ ինքը «Դորա֊7»֊ում ավագ եֆրեյտոր էր, իրենք միշտ կարմիր գինի էին խմում, մինչև որ սկսվեց ներխուժումը։
 +
 +
― Այ թե հարբած էինք, երբ այդ ամենը սկսվեց։ Կովալսկին, Շերբախը ու փոքրիկ Լոյթոլդը, որոնք բոլորն էլ այժմ անցյալում են, Կաբուրից այն կողմ պառկած են մեկ և միևնույն գերեզմանատանը, այդպես էլ ընդհանրապես ոչինչ չնկատեցին, երբ սկսվեց։ Այնտեղ, Արոմանշի մերձակայքում անգլիացիներն էին, իսկ մեր հատվածում՝ կանադացիները։ Մենք դեռ չէինք հասցրել մեր շալվարակալները կապել, երբ նրանք հայտնվեցին և ասացին․ «How are you?»։
 +
 +
Հետո պատառաքաղով օդը խոցելով և ոսկորները դուրս թքելով, մեկն ասաց․
 +
 +
― Ի միջի այլոց, այսօր Կաբուրում ես Հերցոգին տեսա, հնարամտին, դու նրան հիշո՞ւմ ես, երբ դուք այստեղ էիք, նա ավագ լեյտենանտ էր։
 +
 +
Դե իհարկե, Օսկարը հիշում էր ավագ լեյտենանտին։ Ձուկն ուտելով՝ Լանքեսը պատմեց, որ Հերցոգը ամեն տարի գալիս է Կաբուր, իր հետ քարտեզներ ու չափագրական սարքեր է բերում, որովհետև բունկերները թույլ չեն տալիս, որ նա քնի։ Նա մեզ մոտ, «Դորա 7»֊ում էլ է ցանկանում լինել, ինչ֊որ բան չափել։
 +
 +
Մենք դեռ չէինք ավարտել ձուկն ուտելը, նրա ողնաշարը աստիճանաբար մերկանում էր, երբ մեզ մոտ հայտնվեց ավագ լեյտենանտ Հերցոգը։ Նա կանաչ֊շագանակագույն կարճ շալվարով կանգնել էր մեր դիմաց, հաստ սրնքամասերով ոտքերը թաքցված էին թենիսի կոշիկների մեջ, և շագանակամոխրագույն մազերը դուրս էին ցցվել արձակված վուշե վերնաշապիկի տակից։ Մենք, իհարկե, մնացինք նստած։ Լանքեսը ինձ ներկայացրեց որպես իր ընկեր Օսկար, իսկ Հերցոգին անվանեց պաշտոնաթող ավագ լեյտենանտ։
 +
 +
Զորացրված ավագ լեյտենանտը անմիջապես սկսեց մանրակրկիտ ուսումնասիրել «Դորա֊7»֊ը, սակայն մտավ դրսի կողմից, ինչին Լանքեսը դեմ չեղավ։ Նա ինչ֊որ աղյուսակներ էր լրացնում, դրանից բացի նրա մոտ ստերեոխողովակ կար, որով նա ձանձրացրեց ծովափին և նոր սկսված մակընթացությանը։ Նա այնքան քնքշորեն էր շոյում «Դորա֊7»֊ի հրակնատները, որոնք հենց մեր կողքին էին, կարծես դրանով ուզում էր իր կնոջը հաճույք պատճառել։ Սակայն երբ որոշեց ներսից զննել «Դորա֊7»֊ը՝ մեր գիշերային օթևանը, Լանքեսը նրան այնտեղ ներս չթողեց։
 +
 +
― Տեր Աստված, Հերցոգ, ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ձեզ ինչ է պետք։ Կառչել եք բետոնից, ի վերջո, այն ամենը, ինչն այն ժամանակ արդիական էր, այժմ վաղուց անցել է։
 +
 +
Passe֊ն՝ Լանքեսի սիրված խոսքն էր։ Նրա համար ողջ աշխարհը բաժանված է passe֊ի և արդիականի։ Սակայն պաշտոնաթող ավագ լեյտենանտը գտնում էր, որ դա ամենևին էլ passe չէ, որ դեռ բոլոր հաշիվները չէ, որ վճարված են և որ ավելի ուշ հարկ կլինի պատմության առջև պատասխան տալ, ընդ որում ոչ մեկ անգամ, և այդ իսկ պատճառով ինքը մտադիր է այժմ «Դորա֊7»֊ը զննել ներսից։
 +
 +
― Դուք ինձ հասկացա՞ք, Լանքես։
 +
 +
Հերցոգի ստվերն արդեն ծածկել էր մեր սեղանն ու ձուկը, նա ցանկանում էր, մեզ շրջանցելով, ներթափանցել այն բունկերի մեջ, որի մուտքի վերևը մինչ այժմ էլ զարդարում էին բետոնե զարդանախշերը՝ մատնելով ավագ լեյտենանտի ստեղծագործական ձեռագիրը։
 +
 +
Սակայն Հերցոգին չհաջողվեց մեզ շրջանցել։ Ներքևից, պատառաքաղը ձերքին, չնայած դրա օգնությանը չդիմելով, Լանքեսը վեր նետեց իր բռունցքը և պաշտոնաթող ավագ լեյտենանտին փռեց ավազի վրա։ Գլուխը թափ տալով, մեր ձկան կերուխումի խաթարվելու համար վշտանալով, Լանքեսը ոտքի կանգնեց, ձախ ձեռքի մեջ հավաքեց ավագ լեյտենանտի վուշե վերնաշապիկի կրծքի մասը, ավազի վրա հավասար հետք թողնելով, նրան քարշ տվեց մի կողմ և շպրտեց ավազաբլուրների վրա, այնպես որ մենք այլևս նրան չտեսանք, չնայած որ լսեցինք։ Հերցոգը հավաքեց իր չափագրական սարքերը, որոնք Լանքեսը նետեց նրա ետևից, ու փնթփնթալով հեռացավ՝ հղում անելով պատմական ոգիներին, որոնց Լանքեսը որոշ ժամանակ առաջ սահմանել էր որպես passe։
 +
 +
― Այդքան էլ սխալ չէ այդ Հերցոգը։ Չնայած սուտասան է։ Եթե մենք այդչափ ենթարկվող չլինեինք, երբ այստեղ ամեն ինչ սկսվեց, Աստված գիտե, թե ինչ կանեինք կանադացիների հետ։
 +
 +
Ես կարող էի ի նշան համաձայնության գլխով անել, քանզի դեռ նախօրեին, երբ տեղատվություն էր, խխունջների ու ծովախեցգետինների դատարկ պատյանների միջից գտա կանադացի զինվորական համազգեստի կարմրաշագանակագույն մի կոճակ։ Օսկարը կոճակը թաքցրեց իր դրամապանակի մեջ և այդ անելիս այնքան երջանիկ էր, կարծես եզակի պրուսական մետաղադրամ է գտել։
 +
 +
Որքան էլ ավագ լեյտենանտ հերցոգի այցելությունը կարճատև էր, այն հիշողություններ արթնացրեց։
 +
 +
― Իսկ դու դեռ հիշո՞ւմ ես, Լանքես, թե ինչպես էինք ռազմաճակատային թատերական խմբով ուսումնասիրում ձեր բետոնը, նախաճաշում բունկերի վերևում, քամին փչում էր, ճիշտ՝ ինչպես այսօր և հանկարծ՝ չգիտես թե որտեղից վեց թե յոթ միանձնուհիներ, որոնք Ռոմմելյան ծնեբեկի ընձյուղների մեջ ծովախեցգետին էին փնտրում, իսկ քեզ, Լանքես, հրամայեցին ծովափը մաքրել, և դու մարդասպան գնդացրի միջոցով կատարեցիր այդ հրամանը։
 +
 +
Լանքեսը հիշում էր, նա ծծում էր ոսկորները, նա մինչ օրս էլ չի մոռացել անունները, քույր Սխոլաստիկա, քույր Ագնետա՝ թվարկում էր նա, կրոնավոր կնոջը նկարագրեց որպես բազմաթիվ սև գծերով պատված վարդագույն դեմք, ընդ որում՝ ամեն ինչ այնքան հստակ պատկերեց, որ իմ մեջ մշտապես ապրող աշխարհիկ կնոջ՝ քույր Դորոթեայի կերպարը եթե նույնիսկ չխամրեց, ապա առնվազն մասամբ պատնեշվեց։ Այդ վիճակը միայն ավելի սաստկացավ, երբ նկարագրությունից բառացիորեն մի քանի րոպե անց (ինձ համար այլևս այդքան էլ զարմանալի չէ, որպեսզի այն հիշեմ որպես հրաշք) Կաբուրայի կողմից քամին դեպի ավազաբլուրների կողմը բերեց վարդագույն և սևով շրջապատված մի երիտասարդ միանձնուհու, որին ոչ մի կերպ հնարավոր չէր չնկատել։
 +
 +
Նա ուներ մի սև հովանոց, որպիսիք կրում են ծեր տղամարդիկ՝ արևից պաշտպանվելու համար։ Աչքերի վերևում կլորանում էր դարչնավուն֊կանաչ թղթե հովհարը, որը նման էր այն հովհարներին, որոնք պաշտպանում են Հոլիվուդի գործարար կինոգործիչների աչքերը։ Ավազաբլուրների կողմից նրան ձայն տվեցին։ Երևում է, այս կողմերում միանձնուհիները դեռ չէին բնաջնվել։
 +
 +
― Քույր Ագնետա, ― գոռում էին նրան, ― քույր Ագնետա, ո՞ւր կորաք դուք։
 +
 +
Եվ քույր Ագնետան, այդ դեռատի արարածը, մեր ձկան՝ ավելի պարզորոշ երևացող ողնաշարի վերևով, պատասխանում էր․
 +
 +
― Ես այստեղ եմ, քույր Սխոլաստիկա, այստեղ այնքան խաղաղ է։
 +
 +
Լանքեսը քմծիծաղ տվեց ու բավարարված կերպով շարժեց իր գայլի գլուխը, կարծես հենց ինքն էլ պատվիրել էր կաթոլիկական այդ թափորը, կարծես աշխարհում ոչ մի բան չի կարող, այլևս նրան զարմացնել։
 +
 +
Դեռատի միանձնուհին մեզ տեսավ ու կանգ առավ բունկերի ձախ կողմում։ Նրա կլոր ռունգերով ու փոքր֊ինչ առաջ եկած ատամներով, մնացած ամեն ինչում անթերի, վարդագույն դեմքը արտաբերեց․
 +
 +
― Օ՜հ։
 +
 +
Մարմնի վերին մասը նույնիսկ չշարժելով՝ Լանքեսը շրջեց գլուխն ու պարանոցը․
 +
 +
― Դե, քույրիկ, մտադրվել ես զբոսնե՞լ։
 +
 +
Որքան արագ հնչեց պատասխանը․
 +
 +
― Մենք ամեն տարի մեկ անգամ գալիս ենք ծովի մոտ։ Սակայն ես առաջին անգամ եմ տեսնում ծովը։ Այն այնքան մեծ է։
 +
 +
Դժվար էր վիճելը։ Այդ բառերը այսօր էլ են ինձ համար ծառայում որպես գոյություն ունեցող ծովային նկարագրություններից ամենալավը։
 +
 +
Լանքեսը հյուրընկալություն ցուցաբերեց, ձկան իմ չափաբաժնի մեջ քչփորելով՝ առաջարկեց․
 +
 +
― Ձուկ չե՞ք ցանկանում, դեռ տաք է։
 +
 +
Նրա անկաշկանդ ֆրանսերենն ինձ ապշեցրեց, և այդ ժամանակ Օսկարը ևս որոշեց փորձել օտար լեզուների մեջ իր ուժերը։
 +
 +
― Դե, անհարմար մի զգացեք, քույր։ Չէ՞ որ այսօր ուրբաթ է։
 +
 +
Սակայն նույնիսկ միանձնության անկասկած խիստ կանոնների վերաբերյալ այդ ակնարկը չկարողացավ պարեգոտու մեջ խնամքով թաքնված աղջկան բերել մոտ ու միացնել մեր հացկերույթին։
 +
 +
― Դուք մի՞շտ եք այստեղ ապրում, ― նրա մեջ խոսեց հետաքրքրասիրությունը։
 +
 +
Նա գտավ, որ մեր բունկերը բավականին հաճելի է ու շատ ծիշաղելի։ Սակայն, ցավոք, այդ պահին ավազաբլուրի գագաթի վրա հայտնվեցին մայրապետն ու սև անձրևանոցներով ու թղթակցի կանաչ հովհարներով ևս հինգ միանձնուհիներ։ Ագնետան թռավ գնաց և, որքանով կարողացա հասկանալ արևելյան քամուց աղավաղված բառերի հոսքից, հիմնավոր հանդիմանություն ստացավ, իսկ հետո քույրերի կողմից վերցվեց օղակի մեջ։
 +
 +
Լանքեսը ընկավ երազանքների մեջ։ Նա ետևի ծայրով պատառաքաղը մտցրել էր բերանը և աչքը չէր կտրում ավազաբլուրների վրայով ճախրող խմբից։
 +
 +
― Սրանք միանձնուհիներ չեն, սրանք առագաստանավեր են։
 +
 +
― Առագաստանավերը սպիտակ են, ― կասկած հայտնեցի ես։
 +
 +
― Դե, այդ դեպքում նշանակում է, որ սրանք սև առագաստանավեր են։ (Շատ դժվար էր Լանքեսի հետ բանավեճի բռնվելը)։ ― Այն մեկը, որն աջ թևում է, հրամանատարական նավն է, Ագնետան արագաշարժ հետախուզական ռազմանավն է։ Համընթաց քամի, նավահետքային գիծը եռանկյունի թեք առագաստից մինչև ախտերշտևենը, բիզան, առագաստը, միջակայմի մեծ առագաստը և առաջակայմի ներքին առագաստը՝ բոլոր առագաստները բարձրացված են, ուղղությունը՝ դեպի հորիզոն, դեպի Անգլիա։ Դու միայն քեզ պատկերացրու․ վաղն առավոտյան Թոմերը կբացեն իրենց աչքերը, պատուհանից կնայեն դուրս և ի՞նչ կտեսնեն իրենց դիմաց։
 +
 +
Իսկ կտեսնեն նրանք քսանհինգ հազար միանձնուհիների, մինչև կայմածայրը հասնող դրոշներ, և արդեն հնչում է առաջին համազարկը․․․
 +
 +
― Նոր կրոնական պատերազմ, ― օժանդակեցի ես նրա մտքին։ ― Իսկ հրամանատարական նավը պետք է «Մարիա Ստյուարտ» կամ «Դե Վալերա», կամ դրանից էլ լավ՝ «Դոն Խուան» կոչվի։ Նոր արագընթաց նավատորմը ժամանել է Տրաֆալգարի դիմաց վրեժ լուծելու համար։ «Մահ մաքրակրոններին», ― հնչում է կոչը, իսկ այս անգամ անգլիացիներն իրենց պահուստում Նելսոն չունեն։ Ներխուժումը կարելի է սկսել։
 +
 +
Լանքեսի ճաշակով խոսակցությունը չափից դուրս քաղաքական ուղղվածություն ստացավ։
 +
 +
― Դե, միանձնուհիներ, դեպ առա՛ջ։
 +
 +
― Բարձրացնե՛լ առագաստները, ― ուղղեցի ես։
 +
 +
Սակայն արագ էին ընթանում նրանք, թե՞ առագաստներն էին բարձրացնում՝ դեպի Կաբուր ուղղությամբ, քամին նրանց քշեց հեռացրեց։ Նրանք իրենց ու արեգակի միջև պարզեցին հովանոցները։ Միայն մեկը փոքր֊ինչ ետ մնաց, ընթացքի ժամանակ կռացավ, ինչ֊որ բան բարձրացրեց ու գցեց։ Նավատորմի մնացորդը, որպեսզի արդեն կերպարից դուրս չգա, դժվարությամբ քամին հաղթահարելով, գնում էր դեպի նախկին ծովամերձ հյուրանոցի այրված վարագույրները։
 +
 +
― Կամ խարիսխը դուրս չի բերել, կամ նրա ղեկն է անշարժացել։ ― Լանքեսը դեռևս հետևում էր ծովային տերմինաբանությանը։ ― Իսկ պատահաբար Ագնետան չի՞, արդյոք, մեր արագընթաց հետախուզական ռազմանավը։
 +
 +
Հետախուզական ռազմանավ, թե եռակայմ հետախուզզանավ, սակայն հենց կրոնավոր Ագնետան էր, հավաքելով ու մի կողմ նետելով խխունջները, մոտենում մեզ։
 +
 +
― Քույր։ Այդ ի՞նչ եք դուք այդտեղ հավաքում։ ― Չնայած Լանքեսը հոյակապ տեսնում էր, թե ինչ։
 +
 +
― Խեցիներ։ ― Նա մի առանձնահատուկ ձևով արտասանեց այդ բառը և կռացավ։
 +
 +
― Իսկ ձեզ թույլ տրվո՞ւմ է։ Չէ՞ որ դրանք երկրային գանձեր են։
 +
 +
Ես պաշտպան կանգնեցի վանական Ագնետային․
 +
 +
― Սխալվում ես, Լանքես, խեցիները երկրային գանձեր լինել չեն կարող։
 +
 +
― Այդ դեպքում դրանք լողափնյա գանձեր են, ինչպես էլ նայես, դրանք գանձեր են, իսկ կրոնավոր աղջիկները այս աշխարհի գանձերը չպետք է հավաքեն։ Նրանց համար գլխավորը աղքատությունն է, աղքատությունը և ևս մեկ անգամ աղքատությունը։
 +
 +
― Ես ճիշտ չե՞մ ասում, քույր։
 +
 +
Քույր Ագնետան ժպտաց՝ ցուցադրելով առաջ եկած ատամները․
 +
 +
― Ախր ես մի քիչ խեցի եմ վերցնում։ Եվ դրանք մանկապարտեզի համար են։ Երեխաները շատ են սիրում դրանցով խաղալ։ Նրանք երբեք ծովի մոտ չեն եղել։
 +
 +
Ագնետան կանգնած էր բունկերի մուտքի դիմաց և միանձնուհու հայացքը գցել էր դեպի բունկերի խորքերը։
 +
 +
― Ձեզ դո՞ւր է գալիս մեր տնակը, ― ես աստիճանաբար մոտենում էի նրան, իսկ Լանքեսը գնում էր ամենակարճ ճանապարհով․
 +
 +
― Նայեցեք մեր դղյակին, քույր։ Դիտելու համար փող չեն վերցնում։
 +
 +
Սուր կոշիկներով, որոնք պատված էին ծանր կտորով, նա քերեց ավազը։ Երբեմն նա այն նույնիսկ օդ էր թռցնում, իսկ քամին այն վերցնում ու շաղ էր տալիս մեր ձկան վրա։ Փոքր֊ինչ ավելի անվստահ, այժմ արդեն, անկասկած, բաց շագանակագույն աչքերով նա նայեց մեզ ու մեր միջև դրված սեղանին։
 +
 +
― Դա արգելվում է, ― դրդեց նա մեզ ընդդիմախոսելու։
 +
 +
― Ի՞նչ եք ասում, քույր։ ― Նկարիչը վերացրեց բոլոր դժվարությունները և ոտքի կանգնեց։ ― Այն շատ էլ հաճելի տեսք ունի՝ մեր բունկերը։
 +
 +
Աղջիկը դեռ տատանվում էր և, հավանաբար, կոշիկներն արդեն ամբողջությամբ լցրել էր ավազով։ Լանքեսը ձեռքը մեկնեց մուտքի ուղղությամբ։ Բետոնե զարդաքանդակը զարդաքանդակային հստակ ստվերներ էր գցում։
 +
 +
― Իսկ մեզ մոտ՝ այնտեղ շատ մաքուր է։
 +
 +
Ոչ այլ բան, քան նկարչի հրավիրող շարժումը, միանձնուհուն հրապուրելով, հասցրեց բունկերի ընդերքը։
 +
 +
― Բայց միայն մեկ րոպեով, ― հնչեց վճռական խոսքը, և նա, Լանքեսից առաջ ընկնելով, մտավ բունկեր։ Վերջինս ձեռքը քսեց շալվարին՝ նկարչին բնորոշ շարժում և, նախքան անհետանալը, նախազգուշացրեց․
 +
 +
― Մտքովդ չանցնի իմ ձկանը ձեռք տալ։
 +
 +
Սակայն Օսկարը մինչև կոկորդը կուշտ էր ձկից։ Ես ետ հրվեցի սեղանից՝ տրվելով ավազը քշող֊տանող քամուն և ալեբախության՝ այդ ծեր դյուցազնի, չափից դուրս աղմուկների կամքին։ Ես ոտքով մոտ քաշեցի թմբուկս ու սկսեցի ելք փնտրել այդ անհանգիստ բնապատկերից, այդ բունկերային աշխարհից, այդ բանջարեղենից, որը կոչվում է Ռոմմելյան ծնեբեկ։
 +
 +
Սկզբում, առանց առանձնակի հաջողության, ես որպես թեմա ընրեցի սերը․ ինչ֊որ ժամանակ ես սիրում էի քույրին, ավելի քիչ միանձնուհու, ավելի շատ քույրին։ Նա ապրում է Ցայդլերի բնակարանում, անթափանցիկ ապակե դռան ետևում։ Նա արտաքնապես շատ լավիկն էր, սակայն ես այդպես էլ ոչ մի անգամ նրան չտեսա։ Այնտեղ նաև կոկոսե ուղեգորգ կար, և նա խառնվեց գորգին։ Ախր Ցայդլերի միջանցքում չափից դուրս մութն էր։ Այդ իսկ պատճառով ես կոկոսե մանրաթելերը ավելի հստակ էի զգում, քան քույր Դորոթեայի  մարմինը։
 +
 +
Այն բանից հետո, երբ այդ թեման, ընդ որում շատ շուտ, ավարտվեց կոկոսե ուղեգորգի վրա, ես ձգտեցի ռիթմերի օգնությամբ լուծել Մարիայի հանդեպ իմ վաղ սերը և բետոնի առջև պատատուկներ տնկել, որոնք աճում են նույն արագությամբ։ Եվ կրկին քույր Դորոթեան խանգարեց Մարիայի նկատմամբ իմ սիրուն․ ծովից թռավ եկավ կարբոլաթթվի հոտը, առկայծում էին քույրական հագուստներով ճայերը, արևը դիտվում էր որպես կարմիր խաչի բրոշ։
 +
 +
Անկեղծ ասած, Օսկարը նույնիսկ ուրախ էր, երբ նրան խանգարեցին թմբկահարել։ Վերադարձան մայրապետը, քույր Ախոլաստիկան, իր հինգ միանձնուհիների հետ։ Նրանք հոգնած տեսք ունեին, նրանք իրենց հովանոցները բռնել էին թեք ու տրտմությամբ։
 +
 +
― Դուք երիտասարդ միանձնուհուն՝ մեր նոր կրոնականին չե՞ք տեսել։ Նա դեռ այնքան փոքրահասակ է։ Երեխան առաջին անգամ է տեսել ծովը։ Հավանաբար նա մոլորվել է։ Որտե՞ղ եք դուք, քույր Ագնետա։
 +
 +
Ես այլ ելք չունեի, քան թիկունքից քամու կողմից առաջ մղվող խումբը ուղարկել դեպի Օրնայի գետաբերան, դեպի Արոմանշա, դեպի Ուինսթոն նավահանգիստ, որտեղ ինչ֊որ ժամանակ անգլիացիները պատերազմով ծովից նվաճեցին իրենց արհեստական նավահանգիստը։ Պետք է ասել նաև, որ նրանց բոլորին միասին վերցրած դժվար թե բունկերի մեջ տեղ բավարարեր։ Ճիշտ է, ինչ֊որ մի ակնթարթ ես ուարախանում էի Լանքեսին ետ պահելու  և նրան այդ այցելությունը կազմակերպելու մտքով, սակայն այնուհետև ընկերությունը, ափսոսանքն ու զայրույթը միաժամանակ հրամայեցին ինձ մատով մատնացույց անել Օրնայի գետաբերանի կողմը։ Միանձնուհիները ենթարկվեցին իմ բութ մատի շարժմանը, ավազաբլուրների գագաթների վրա վերածվեցին վեց անընդհատ հեռացող, քամու ուղղությամբ թռչող սև պատռվածքների և նույնիսկ «Քույր Ագնետա, քույր Ագնետա» աղիողորմ կանչը նրանց շուրթերից հնչում էր ավելի ու ավելի հողմաշունչ, մինչև որ խեղդվեց ավազի մեջ։
 +
 +
Բունկերից առաջինը դուրս եկավ Լանքեսը, նկարչին բնորոշ շարժումով ձեռքերը սրբեց շալվարի վրա, արևկող տվեց, ինձանից սիգարետ պահանջեց, այն դրեց վերնաշապկի գրպանը և հարձակվեց սառած ձկան վրա։
 +
 +
― Դրանից հետո միշտ ուտել ես ուզում, ― ակնարկեց նա՝ խժռելով ինձ պատկանող պոչի մասը։
 +
 +
― Նա այժմ շատ դժբախտ կլինի, ― մեղադրեցի ես Լանքեսին՝ այդ ասելիս հաճույք զգալով «դժբախտ» բառից։
 +
 +
― Իսկ ինչի՞ համար։ Այդ ի՞նչ պատճառով նա պետք է դժբախտ լինի։
 +
 +
Լանքեսը հաստատապես չէր կարողանում իրեն պատկերացնել, որ մարդկանց հետ շփվելու իր ոճը կարող է գոնե ինչ֊որ մեկին դժբախտ դարձնել։
 +
 +
― Իսկ ի՞նչ է նա հիմա անում, ― հարցրեցի ես՝ չնայած լրիվ այլ բան էի մտածում։
 +
 +
― Կարում է, ― բացատրեց Լանքեսը պատառաքաղի օգնությամբ։ Նրա պարեգոտը մի փոքր պատռվեց, նա էլ ահա կարում է։
 +
 +
Դերձակուհին դուրս եկավ բունկերից, անմիջապես բացեց հովանոցն ու սկսեց ծլվլալ՝ չնայած ոչ ստիպողական, սակայն, ինչպես ինձ թվաց, որոշակի լարվածությամբ․
 +
 +
― Եվ իսկապես էլ այստեղից գեղեցիկ տեսարան է։ Տեսանելի է ողջ ծովափն ու ողջ ծովը։ ― Նայելով մեր ձկան մնացորդների վրա նա տատանվեց․
 +
 +
― Կարելի՞ է։
 +
 +
Մենք միաժամանակ գլխով արեցինք։
 +
 +
― Ծովի օդը միշտ էլ ախորժակ է բացում, ― օգնության հասա ես, նա գլխով արեց ու կարմրած, ճաքճքված, մենաստանի ծանր աշխատանքի մասին հիշեցնող ձեռքերով բռնեց մեր ձուկը, այն մոտեցրեց բերանին, ուտում էր լուրջ, լարված, մտախոհ, կարծես ձկան հետ մեկտեղ ծամում էր ինչ֊որ բան, ինչից հաճույք էր ստացել մինչև ձուկը։
 +
 +
Ես նայեցի նրա գլխաշորի տակ։ Թղթղկացրի կանաչ հովհարը նա մոռացել է բունկերում։ Քրտինքի սպիտակ հավասարաչափ կաթիլները կուտակվել էին ճակատի վրա՝ սպիտակ օսլայված շրջանակով հիշեցնելով Աստվածամոր ճակատը։ Լանքեսը կրկին ինձանից սիգարետ պահանջեց՝ չնայած նախորդը դեռ չէր ծխել։ Ես ողջ տուփը նետեցի նրան։ Մինչ նա դրանցից երեքը վերնաշապկի գրպանը դրեց և միաժամանակ շուրթերով սեղմել էր չորրորդը, քույր Ագնետան մի կողմ նետեց հովանոցը, վազեց, միայն հիմա տեսա, որ ոտաբոբիկ է, ավազաբլուրի վրայով դեպի վեր և անհետացավ այնտեղ, որտեղ ալեբախությունն է։
 +
 +
― Թող իր համար փախչի, ― պերճախոսեց Լանքեսը, ― նա դեռ կվերադառնա կամ չի վերադառնա։
 +
 +
Միայն կարճ ժամանակ ես կարողացա պահպանել համբերությունս և նայել նկարչի սիգարետին։ Այնուհետև բարձրացա բունկերի վրա՝ դիտելով մակընթացության շնորհիվ մոտեցող ափը։
 +
 +
Դե՞, ― հետաքրքրվեց Լանքեսը։
 +
 +
― Նա հանվում է։ ― Ինձանից ավելի մանրամասն տեղեկություն ստանալ նա չէր կարող։ ― Միգուցե ցանկացավ լողանալ, որպեսզի մի քիչ սառչի։
 +
 +
Ես այդ մտադրությունը վտանգավոր էի համարում մակընթացության ժամանակ և այն էլ ուտելուց անմիջապես հետո։ Նա արդեն մինչև ծնկները մտել էր, ավելի խորն էր մտնում, և նրա թիկունքը կլոր էր։ Օգոստոսի վերջի ոչ այնքան տաք ջուրը, ամեն ինչից դատելով, ակնհայտորեն չէր վախեցնում նրան, նա լող էր տալիս, լավ էր լող տալիս, տարբեր ոճեր էր փորձում և, ալիքները ճեղքելով, սուզվում էր։
 +
 +
Դե թող իր համար լող տա, իջիր, վերջապես, բունկերի վրայից։
 +
 +
Ես շրջվեցի ետ ու տեսա, թե ինչպես է ավազի վրա փռված Լանքեսը ծխում։ Ձողաձկան մաքուր ողնաշարը գերակշռում էր սեղանի վրա, արևի ճառագայթների տակ առկայծում էր իր սպիտակությամբ։
 +
 +
Երբ ես բետոնի վրայից թռա ներքև, Լանքեսը բացեց նկարչի իր  աչքերը․
 +
 +
― Ցնցող կտավ կլինի․ «Մակընթացային միանձնուհիները» կամ «Միանձնուհիներն ու մակընթացությունը»։
 +
 +
― Դու անասուն ես, ― գոռացի ես։ ― Իսկ եթե նա խեղդվի՞։
 +
 +
Լանքեսը փակեց աչքերը․
 +
 +
― Այդ դեպքում կտավը կկոչվի «Պարող միանձնուհիներ»։
 +
 +
― Իսկ եթե նա վերադառնա ու ընկնի քո ոտքե՞րը։
 +
 +
Աչքերը կրկին բացելով՝ նկարիչը կայացրեց իր դատավճիռը․
 +
 +
― Այդ դեպքում և՛ նրան, և՛ կտավը կարելի է անվանել «Ընկած միանձնուհին»։
 +
 +
Լանքեսը ընդունում էր միայն կամ֊կամ՝ գլուխը կամ պոչը, խեղդվեց կամ ընկավ։ Ինձանից նա սիգարետներ էր խլում, ավագ լեյտենանտին ցած նետեց ավազաբլուրներից, կերավ իմ ձկան մի կտորը, իսկ երեխային, որն իսկությամբ ասած, նվիրված էր երկնքին, ցույց տվեց մեր բունկերի խորքերը և մինչ նա դեռ լող տալով գնում էր դեպի ծովի խորքը, արդեն կոպիտ ելունդավոր ոտքով օդում նկար էր ուրվագծում, արդեն առաջադրում էր չափսերը, արդեն վերնագրեր էր դնում․ «Մակընթացային միանձնուհիներ», «Միանձնուհիները և մակընթացությունը», «Պարող միանձնուհիներ»։ «Քսանհինգ հազար միանձնուհիներ»։ Որոշում էր լայնակի չափսերը․ «Միանձնուհիները Տրաֆալգարի բարձրունքի վրա»։ Ուղղահայաց չափսերը․ «Միանձնուհիները հաղթանակ են տանում լորդ Նելսոնի հանդեպ»։ «Միանձնուհիները հանդիպակաց քամու ժամանակ»։ «Միանձնուհիները համընթաց քամու ժամանակ»։ «Միանձնուհիները լողում են ընդդեմ քամու»։ Սևություն, շատ սևություն․ ողողահար սպիտակություն և կապույտ՝ սառույցից վեր․ «Ափահանում» կամ «Առեղծվածային֊բարբարոսաբար֊ձանձրալի»՝ բետոնի համար նրա հին, դեռ պատերազմական տարիների անվանումը։ Եվ բոլոր այդ կտավները, բոլոր այդ ուղղահայաց ու լայնակի չափսերը նկարիչ Լանքեսը նկարեց, երբ մենք վերադարձանք Ռայնլանդ, նա ստեղծում էր ամբողջապես միանձնուհիներին նվիրված նկարաշարեր, նա վաճառող գտավ, որը հետաքրքրվեց միանձնուհիների մասին կտավներով, նա քառասուներեք կտավ ցուցադրեց, դրանից տասնյոթը նա վաճառեց հավաքորդներին, ֆաբրիկանտներին, թանգարաններին, նույնիսկ մի ամերիկացու, նա քննադատներին առիթ տվեց համեմատելու իրեն՝ Լանքեսին Պիկասսոյի հետ և իր հաջողությամբ համոզեց ինձ՝ Օսկարիս, գտնել կազմակերպիչ դոկտոր Դյոշի այցետոմսը, քանզի ոչ միայն Լանքեսի արվեստը, այլև իմ արվեստ էր հաց պահանջում․ առաջիկայում պետք էր թմբուկի օգնությամբ երեքամյա թմբկահար Օսկարի մինչպատերազմական ու պատերազմական տարիների տպավորությունները վերածել ետպատերազմական ժամանակի մաքուր, զրնգուն ոսկու։
 +
 +
 +
===Մատնեմատը===
 +
 +
 +
― Դե, ուրեմն, ինչպե՞ս, ― հարցրեց Ցայդլերը, ― դուք այլևս ընդհանրապե՞ս չեք պատրաստվում աշխատել։
 +
 +
Նրան շատ էր նյարդայնացնում, որ Կլեփն ու Օսկարը նստում էին մեկ Կլեփի սենյակում, մեկ Օսկարի մոտ ու բոլորովին ոչինչ չէին անում։ Ճիշտ է, այն փողերի մնացորդից, որը Հարավային գերեզմանատանը, որպես կանխավճար էր ինձ տվել դոկտոր Դյոշը, երբ թաղում էին Շմուհին, ես վճարեցի երկու սենյակների հոկտեմբեր ամսվա վարձը, իսկ ահա նոյեմբերը սպառնում էր մռայլ ամիս լինել նույնիսկ ֆինանսական իմաստով։
 +
 +
Ընդ որում տարբեր տեսակի առաջարկները մեզ բավարարում էին, մի բան էլ ավելի։ Մենք, օրինակ, կարող էինք պարահրապարակ ունեցող այս կամ այն սրճարանում կամ գիշերային ռեստորաններում ջազ նվագել։ Սակայն Օսկարը ջազ նվագել այլևս չէր ցանկանում։ Մենք մշտապես վիճում էինք Կլեփի հետ։ Նա պնդում էր, թե իբր թմբկահարելու իմ նոր մեթոդը որևէ կապ չունի ջազի հետ։ Ես չէի ժխտում։ Այդ ժամանակ նա ինձ անվանեց ջազային գաղափարի դավաճան։
 +
 +
Միայն երբ նոյեմբերի սկզբին Կլեփը նոր թմբկահար գտավ, «Միաեղջյուրից» Բոբբիին, կարճ ասած, լիովին համապատասխան մարդու, իսկ Բոբբիի հետ՝ նաև աշխատանքի հրավեր Հին քաղաքում, մենք կրկին սկսեցինք շփվել որպես ընկերներ՝ չնայած Կլեփը արդեն այն ժամանակ էլ սկսեց ավելի շատ խոսել իր ԳԿԿ֊ի ոգով, քան մտածել։
 +
 +
Այնուամենայնիվ, իմ առջև դեռ բաց էր Դյոշի համերգային գործակալության դուռը։ Ես չէի ցանկանում վերադառնալ Մարիայի մոտ և չէի էլ կարող, նամանավանդ, որ նրա երկրպագու Շտենցելը պատրաստվում էր ապահարզան տալ, որպեսզի ամուսնալուծությունից հետո իմ Մարիային դարձներ Մարիա Շտենցել։ Երբեմն ես հայտնվում էի Աղոթատեղիի արահետի վրա, Քորնեֆի մոտ, որտեղ ես մի որևէ գրություն էի  փորագրում, այցելում էի ես նաև ակադեմիա, ջանասեր աշակերտներին հնարավորություն էի տալիս մատիտով ինձ սևացնել ու վերարտադրել, նաև հաճախ առանց որևէ նպատակի այցելում էի մուսա Ուլլային, որը մեր Ատլանտյան ծովապատնեշ ուղևորությունից քիչ անց ստիպված եղավ լուծել նկարիչ Լանքեսի հետ իր նշանդրեքը, որովհետև վերջինս այժմ ցանկանում էր միայն բնորդուհի միանձնուհիներից թանկարժեք կտավներ նկարել, իսկ Ուլլա մուսային այլևս չէր ցանկանում նույնիսկ քոթակել։
 +
 +
Այդ ընթացքում դոկտոր Դյոշի այցետոմսը լուռ ու համառ դրված էր լոգարանի կողքի իմ սեղանի վրա։ Երբ մի հրաշալի օր ես այն ուղղակի պատռեցի և դեն նետեցի, քանի որ դոկտոր Դյոշի հետ ընդհանուր ոչինչ չէի ցանկանում ունենալ, ի սարսափ ինձ, ինձ համար պարզ դարձավ, որ ես կարող եմ անգիր, ինչպես բանաստեղծությունը, արտասանել համերգային գործակալության և՝ հեռախոսի համարը, և՛ ճիշտ հասցեն։ Երեք օր շարունակ այդպես էլ անում էի, այդ համարի պատճառով ես չէի կարողանում քնել և այդ իսկ պատճառով չորրորդ օրը մտա հեռախոսախցիկ, հավաքեցի համարը, կապվեցի Դյոշի հետ, վերջինս անմիջապես իրեն պահեց այնպես, կարծես օրուգիշեր սպասում էր իմ զանգին և խնդրեց, որ ես հենց նույն օրը ճաշից հետո գնամ իր մոտ, քանզի ցանկանում էր ներկայացնել իր պետին։ Իբր պետը սպասում է պարոն Մացերատին։
 +
 +
«Արևմուտք» համերգային գործակալությունը տեղակայված էր վերակառուցված վարչարարական շենքի իններորդ հարկում։ Նախքան վերելակ մտնելը ես ինձ հարց տվեցի, թե այդ անվան տակ մի որևիցե կեղտոտ քաղաքական իմաստ չի՞ թաքցված արդյոք։
 +
 +
Չէ՞ որ եթե գոյություն ունի «Արևմուտք» համերգային գործակալությունը, նշանակում է որևէ մի նմանատիպ շենքում պետք է գոյություն ունենա նաև «Արևելքը»։ Անվանումը բավականին հմտորեն էր ընտրված, ես, առանց տատանվելու նախապատվությունը տվեցի «Արևմուտքին» և, իններորդ հարկում վերելակից դուրս գալով, հաճելի զգացում ունեցա, որ կապվել եմ ճիշտ գործակալության հետ։ Գորգեր, մեծ քանակությամբ կահույք, անուղղակի լուսավորում, ձայնամեկուսացում, դուռը խաղաղության ու համաձայնության մթնոլորտում կիպ կպչում է դռանը, երկարոտն քարտուղարուհիները, կայծեր շաղ տալով, իմ կողքով անց էին կացնում իրենց պետերի սիգարետների հոտը, այնպես, որ ես քիչ էր մնում փախչեի «Արևմուտք» գործակալության աշխատասենյակից։
 +
 +
Դոկտոր Դյոշն ինձ գրկաբաց ընդունեց, և Օսկարը ուրախ էր, որ Դյոշն իրեն չսեղմեց կրծքին։ Կանաչ պուլովերով աղջկա գրամեքենան լռեց, երբ ես ներս մտա, սակայն հետո խիզախորեն վերականգնեց իմ հայտնվելու պատճառով բաց թողածը։ Դյոշն իր պետին զեկուցեց իմ գալու մասին։ Օսկարն իրենով զբաղեցրեց քիմիական զաֆրանով ներկված փափուկ բազկաթոռի առաջնային ձախ մասի մեկ վեցերորդը։ Այնուհետև լայն բացվեց երկփեղկ դուռը, գրամեքենան կրկին շունչը պահեց, օդի շիթը ինձ բարձերի վրայից վեր բարձրացրեց, իմ թիկունքում դռները փակվեցին, գորգը հոսեց լուսավոր դահլիճի միջով, գորգը տարավ ինձ իր ետևից, մինչև որ կահավորումի ինչ֊որ մի պողպատյա առարկա ինձ ասաց՝ իսկ այժմ Օսկարը կանգնած է պետի գրասեղանի դիմաց, հետաքրքիր է, որքան է նա կշռում։ Ես բարձրացրեցի իմ երկնագույն աչքերը՝ անսահման դատարկ կաղնե հարթության ետևում փնտրելով պետին և, անիվներով բազկաթոռի վրա, որն ատամնաբուժականի նման, կարելի էր բարձրացնել ու ետ թեքել, հայտնաբերեցի կաթվածից ուժասպառ եղած, կյանքը միայն աչքերի ու մատների մեջ պահպանած իմ ընկեր ու խրատատու Բեբրային։
 +
 +
Ախ, այո, պահպանվել էր նաև նրա նախկին ձայնը։ Այն Բեբրայի ընդերքներից արտաբերեց․
 +
 +
― Ահա և մենք կրկին հանդիպեցինք, պարոն Մացերատ։ Մի՞թե շատ տարիներ առաջ, երբ դուք այս աշխարհի հետ գերադասում էիք շփվել երեք տարեկանի իրավունքներով, ես չէի ասում՝ այնպիսի մարդիկ, ինչպիսին մենք ենք, չեն կարող կորչել։ Ստիպված եմ, սակայն, խորագույն ափսոսանքով արձանագրել, որ դուք անխոհեմաբար չափազանց փոխել եք ձեր համաչափությունները՝ ընդ որում, ոչ դեպի լավը։ Դուք չէի՞ք արդյոք, որ ինչ֊որ մի ժամանակ ընդամենը իննսունչորս սանտիմետր հասակ ունեիք։
 +
 +
Ես գլխով արեցի՝ արտասվելու պատրաստ։ Պատի վրա, խրատատուիս համաչափ շչացող բազկաթոռի ետևում, որը շարժման մեջ էր դրվում էլեկտրաշարժիչի օգնությամբ, կախված էր աշխատասենյակի միակ զարդարանքը՝ բարոկկոյի ոճով շրջանակի մեջ մինչև գոտկատեղ իմ Ռոզվիտայի, մեծն Ռագունայի բնական մեծությամբ դիմանկարը։ Իմ հայացքին չհետևելով, սակայն հրաշալի կերպով իմանալով դրա ուղղությունը, Բեբրան գրեթե անշարժ շուրթերով ասաց․
 +
 +
― Ախ, այո, մեր բարի Ռոզվիտան։ Հետաքրքիր է, նոր Օսկարը դուր կգա՞ր նրան։ Հազիվ թե։ Նա գործ ուներ ուրիշ Օսկարի հետ, երեք տարեկանի հետ, թմբլիկ, բայց և սիրո կրքով լի Օսկարի հետ։ Նա պաշտում էր նրան, ինչի մասին ինձ ավելի շուտ հայտարարեց, քան խոստովանեց։ Իսկ նա մի գեղեցիկ օր չցանկացավ նրա համար սուրճ բերել, այդ ժամանակ նա ինքը գնաց սուրճի ետևից և զոհվեց։ Սակայն, որքան ես գիտեմ, դա միակ սպանությունը չէ, որ կատարել է մեր թմբլիկ Օսկարը։ Նա՞ չէր արդյոք, որ իր թմբկահարումով գերեզման հասցրեց իր խեղճ մորը։
 +
 +
Ես գլխով արեցի։ Ես, փառք Աստծո, ունակ եղա արտասվելու, իսկ աչքս Ռոզվիտայից չէի կտրում։ Սակայն այդ ժամանակ Բեբրան ձեռքը բարձրացրեց հաջորդ հարվածի համար։
 +
 +
― Իսկ ինչպե՞ս էին, ըստ էության, դասավորվում հանգամանքները՝ կապված այն փոստային ծառայողի՝ Յան Բրոնսկու հետ, որին մեր երեքամյան բարեհաճեց իր ենթադրյալ հայր անվանել։ Նա նրան տվեց դահիճների ձեռքը։ Դահիճները կրակեցին ուղիղ նրա կրծքին։ Իսկ չէի՞ք կարող դուք, պարոն Օսկար Մացերատ, որ հանդգնում եք հանդես գալ ձեր նոր կերպարանքով, ինձ պատմել, թե ինչ տեղի ունեցավ երեքամյա թմբկահարի երկրորդ ենթադրյալ հոր՝ գաղությային ապրանքների կրպակի տնօրեն Մացերատի հետ։
 +
 +
Այստեղ ես ապաշխարեցի նաև այդ սպանության համար, խոստովանեցի, որ նման ճանապարհով ազատվեցի նրանից, մանրամասնորեն նկարագրեցի իմ կողմից դիտավորյալ առաջ բերված խեղդամահությանը, այլևս չթաքնվեցի ինքնաձիգով ռուս զինվորի ետևում, այլ ազնվորեն ասացի․
 +
 +
― Այո, խրատատու Բեբրա, դա ես էի։ Ես արեցի այն մեկը և այս մեկն էլ արեցի ես, այդ մահվան պատճառը ես էի և այն մյուս մահվան մեջ ևս կա իմ մեղքի բաժինը։ Գթացեք ինձ։
 +
 +
Բեբրան ծիծաղեց։ Նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչով էր նա ծիծաղում։ Նրա շարժաթոռը դողդողաց, քամիները ծածանում էին թզուկի դեմքի հարյուր հազարավոր կնճիռներից վեր գտնվող ճերմակ մազերը։
 +
 +
Ես մեկ անգամ ևս համառորեն գթություն հայցեցի, իմ ձայնին հաղորդեցի այն քաղցրությունը, որի մասին գիտեի, որ գեղեցիկ են և նույնպես ներազդում են։
 +
 +
― Գթացեք ինձ, սիրելի խրատատու Բեբրա, գթացեք ինձ։
 +
 +
Այդ ժամանակ նա, որ ինքն իրեն նշանակել էր ինձ դատավոր և հրաշալի էր խաղում այդ դերը, ծնկների ու ձեռքերի միջև գտնվող փղոսկրի գույնի վահանակի վրա մի ինչ֊որ կոճակ սեղմեց։
 +
 +
Իմ ետևում գտնվող գորգը դեպի սեղանը մոտեցրեց կանաչ պուլովերով աղջկան։ Նա ձեռքին բռնել էր թղթապանակ, որը բացեց սեղանի կաղնե հարթության վրա, որը հանգչում էր պողպատյա խողովակների միաձյուլ հյուսվածքի վրա՝ հասնելով իմ անրակների մակարդակին, և դա ինձ հնարավորություն չէր տալիս տեսնել, թե ինչ է նա, այնուամենայնիվ, շարում այնտեղ։ Եվ այսպես, պուլովերով աղջիկը ինքնահոսը մեկնեց ինձ։ Ստորագրության արժեքով ես կարող էի գնել Բեբրայի թողությունը։
 +
 +
Ես, այնուհանդերձ, համարձակվեցի որոշ հարցեր տալ անվիների վրայի բազկաթոռին։ Ինձ համար դժվար էր անմիջապես, առանց մտածելու, իմ ստորագրությունը դնել լաքապատված եղունգի կողմից ցույց տրվող տեղում։
 +
 +
― Սա աշխատանքային պայմանագիր է, ― տեղեկացրեց ինձ Բեբրան։ ― Այստեղ պահանջվում է ձեր ստորագրությունը։ Մի խոսքով, գրեցեք «Օսկար Մացերատ», որպեսզի մենք իմանանք, թե ում հետ գործ ունենք։
 +
 +
Անմիջապես այն բանից հետո, երբ ես ստորագրեցի, շարժիչի շչոցը հինգ անգամ մեծացավ, ես հայացքս ինքնահոսից բարձրացրեցի ու հասցրեցի նաև տեսնել, թե ինչպես էր շարժման ժամանակի մեջ փոքրանում անիվների վրա գտնվող արագընթաց բազկաթոռը, հավաքվեց ու անհետացավ կողմնային դռան ետևում։
 +
 +
Որևէ մեկը կարո՞ղ էր մտածել, որ երկու օրինակից կազմված այդ պայմանագիրը, որը ես ստորագրեցի երկու անգամ, գնում էր իմ հոգին և Օսկարին պարտավորեցնում ստոր չարագործություններ կատարել։ Ոչ մի նման բան։ Երբ դոկտոր Դյոշի օգնությամբ նախասրահում ուսումնասիրեցի պայմանագիրը, արագ և առանց դժվարության հասկացա, որ Օսկարի խնդիրը բացառապես կայանում է նրանում, որ մենահամերգով հանդիսատեսի առջև ելույթ ունենա իր թմբուկով այնպես, ինչպես դա արել է երեք տարեկան հասակում և, այնուհետև, ևս մեկ անգամ՝ Շմուհի «Սոխի մառանում»։ Համերգային գործակալությունն իր հերթին պարտավորվում էր նախապատրաստել իմ համերգային շրջագայությունները, այսինքն՝ ավելի վաղ, քան թմբկահար Օսկարը ելույթ կունենար իր թիթեղով, պետք է մի լավ հարված հասցներ գովազդային թմբուկին։
 +
 +
Մինչ գովազդային ընկերակցությունը ծավալվում էր, ես ապրում էի երկրորդ կանխավճարի հաշվին, որն ինձ վճարել էր «Արևմուտք» գործակալությունը։ Ժամանակ առ ժամանակ հանդիպում էի վարչարարական շենք, ելույթ էի ունենում լրագրողների առջև, թույլ էի տալիս ինձ լուսանկարել, մի անգամ մոլորվեցի այդ տուփի մեջ, որն ամենուրեք նույն հոտն էր արձակում, ամենուրեք նույն տեսքն ուներ և շոշափելիս ընկալվում էր որպես մի ինչ֊որ կատարյալ անպարկեշտություն, որը պատված էր մինչև անվերջություն ձգվող, ամեն ինչ մեկուսացնող պահպանակով։ Դոկտոր Դյոշն ու պուլովերով աղջիկն ինձ հետ առավել քան քաղաքավարի էին վերաբերվում, և միայն իմ խրատատու Բեբրային էր, որ այլևս երբեք չտեսա։
 +
 +
Ըստ էության ասած, ես դեռ համերգային շրջագայությունից առաջ կարող էի ավելի լավ բնակարան տեղափոխվել։ Սակայն հանուն Կլեփի ես մնացի Ցայդլերի մոտ, փորձեցի խաղախեցնել ընկերոջս, որն ինձ մեղադրում էր գործակալների հետ իմ շփումների համար, սակայն չէի համաձայնվում նրա հետ և այլևս Հին քաղաք չէի գնում, այլևս գարեջուր չէի խմում, սոխով թարմ արյունոտ երշիկ չէի ուտում, իսկ ապագա շրջագայություններին նախապատրաստվելու համար ճաշում էի կայարանային հոյակապ ռեստորաններում։
 +
 +
Օսկարն այստեղ իր հաջողությունները նկարագրելը տեղին չի համարում։ Իմ շրջագայության սկզբից մեկ շաբաթ առաջ հայտնվեցին այն առաջին, ամոթալի ազդեցիկ ցուցապաստառները, որոնք ազդարարում էին իմ հաջողության մասին՝ իմ ելույթի մասին տեղեկացնելով որպես կախարդի, բուժարարի, փրկչի։ Որպես սկիզբ՝ ես պետք է շրջայց կատարեի Ռուրի ավազանի քաղաքները։ Դահլիճները, որոնցում սպասվում էին իմ ելույթները, մեկ և կեսից մինչև երկու հազար հանդիսատես էին տեղավորում։ Ետնամասի սև թավշյա ֆոնի վրա ես լիակատար միայնակության մեջ պետք է կանգնեի բեմի վրա։ Լուսարձակի ճառագայթը ցույց էր տալիս ինձ։ Սմոքինգը գրկում էր իմ մարմինը, և չնայած ես թմբուկ էի նվագում, ինձ լսում էին ամենևին էլ ոչ ջազի երիտասարդ սիրահարները։ Ոչ, քառասունհինգից սկսած մեծահասակ մարդիկ լսում ու երկրպագում էին ինձ։ Որպեսզի արդեն բացարձակապես ճիշտն ասեմ, կասեմ, որ իմ հանդիսատեսի քառորդը կազմում էին քառասունհինգից մինչև հիսունհինգ տարեկան մարդիկ։ Դա իմ համախոհների ամենաերիտասարդ մասն էր։ Հաջորդ քառորդի մեջ մտնում էին հիսունհինգից մինչև վաթսուն տարեկան մարդիկ։ Իսկ իմ լսարանի ամենաբազմաթիվ ու շնորհալի մասը կազմում էին ծերունիներն ու ծեր կանայք։ Ես դիմում էի զառամյալ տարիքի մարդկանց, և նրանք ինձ պատասխանում էին, նրանք լռությու չէին պահպանում, երբ ես իմ երեք տարեկան թմբուկին ստիպում էի խոսել, նրանք ուրախանում էին իմ թմբուկի համար, սակայն իրենց ուրախությունն արտահայտում էին ոչ թե ծերերի լեզվով, այլ երեք տարեկանի թոթովումով՝ «Իզիմու, իզիմու, իզիմու» գոռալով, երբ Օսկարն ինչ֊որ բան էր նվագում Ռասպուտինի զարմանալի կյանքից։ Սակայն առավել մեծ հաջողություն էի ունենում, քան ելույթներս ռասպուտինյան թեմայով, որն ինքնըստինքյան արդեն լսողների մեծ մասի համար չափազանց բարդ էր, այն թեմաներով, որոնք գրեթե զուրկ էին գործողություններից, նկարագրում էին հոգեվիճակ, և որոնք ես ինձ համար այսպես էի վերնագրում․ առաջին ատամիկները, ծանր կապույտ հազ, երկար չանկռող բրդե գուլպաներ, ով երազում կրակ տեսնի, նա կթրջի անկողնու մեջ։ Ծերունիներին դա դուր էր գալիս։ Նրանք հոգով ու սրտով ընդունում էին իմ խաղը։ Նրանք տանջվում էին, քանի որ նրանք ատամնիկներ էին հանում։ Հասակն առած երկու հազար մարդիկ ջղաձիգ հազով երկար ետ ու առաջ էին քայլում, քանի որ ես նրանց խոցել էի կապույտ հազով։ Իսկ ինչպես էին քորվում, երբ ես նրանց բրդե երկար գուլպաներ  էի հագցնում։ Հարգարժան տիկնանցից կամ հարգարժան պարոններից մեկը չէր, որ թրջում էր իր սպիտակեղենն ու բազկաթոռի նստատեղը, երբ ես նրանց ստիպում էի երազում հրդեհ տեսնել։ Արդեն չեմ էլ հիշում, թե որտեղ դա տեղի ունեցավ՝ կամ Վուպերտալում, կամ Բոխումում, չնայած ոչ, Բոխումում չէր, այլ Ռեկլինգհաուզենում․ ես ելույթ էի ունենում ծեր հանքափորների առջև, արհմիությունը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում, և ես մտածեցի, որ ծեր հանքափորները, որոնք տարիներով գործ են ունեցել սև քարածխի հետ, լիովին կարող են դիմանալ մեկ րոպեանոց սև սարսափին։ Եվ այսպես, Օսկարը նրանց համար «Սև խոհարարուհին» թմբկահարեց և դարձավ ականատեսն այն բանի, թե ինչպես  հազար հինգ հարյուր հանքափորներ, որոնք իրենց կյանքում սարսափելի վատ եղանակներ, հանքախորշի մեջ ջրի ճեղքում, գոծադուլներ, գործազրկություն էին տեսել, հանկարծ չար Սև խոհարարուհու պատճառով սարսափելի գոռոց բարձրացրին, որի զոհը դարձան, հանուն ինչի էլ ես, ըստ էության, այս ամենը պատում եմ, համերգային դահլիճի հաստ վարագույրների ետևի բազմաթիվ պատուհանների ապակիները։ Ահա այսպես, զարտուղի ճանապարհով ես կրկին եկա իմ ապակի կտրող ձայնին, սակայն գրեթե չէի օգտվում իմ այդ ունակությունից, որպեսզի գործի շահերը չվնասեմ։
 +
 +
Իսկ իմ համերգային շրջագայությունը հենց ճիշտ այդպիսի գործ էր։ Երբ ես վերադարձա ու դոկտոր Դյոշի հետ ֆինանսական հաշվարկներ արեցի, պարզվեց, որ իմ թմբուկն ուղղակի ոսկու հանք է։
 +
 +
Ինձանից իմ խրատատու Բեբրայի վերաբերյալ հարց չլսելով, ես արդեն ինչ֊որ ժամանակ նրան կրկին տեսնելու հույսս կորցրել էի, դոկտոր Դյոշը հայտնեց, որ Բեբրան սպասում է ինձ։
 +
 +
Խրատատուիս հետ երկրորդ հանդիպումն ընթացավ ոչ այնպես, ինչպես առաջինը։ Օսկարը ստիպված չեղավ կանգնել պողպատյա կահույքի դիմաց, ընդհակառակը, նա տեսավ անիվների վրա բազկաթոռ, որը պատրաստված էր նրա չափսերով, նույնպես էլեկտրական շարժիչով, և այդ բազկաթոռը դրված էր հենց Բեբրայի բազկաթոռի դիմաց։ Մենք երկար նստեցինք, լուռ էինք, լսում էինք Օսկար թմբկահարի արվեստի վերաբերյալ քաղվածքներ մամուլի տեղեկություններից, որոնք դոկտոր Դյոշը ձայնագրել էր ժապավենի վրա և այժմ պտտեցնում էր։
 +
 +
Բեբրան բավական գոհ տեսք ուներ։ Իսկ ինձ որոշ չափով տանջում էին լրագրողների հիացմունքները։ Նրանք ինձանից կուռք էին կերտում, ինձ ու իմ թմբուկին բուժական մեծ հաջողություններ էին վերագրում։ Իբր թե ես կարող էի ապաքինել հիշողության թուլությունը, առաջին անգամ հնչեց «օսկարիզմ» բառը և շուտով հիմնավորապես մտավ գործածության մեջ։
 +
 +
Հետո պուլովերով աղջիկը ինձ համար թեյ պատրաստեց, իսկ խորհրդատուս լեզվի տակ երկու հաբ դրեց։ Մենք շատախոսում էինք։ Նա այլևս ինձ չէր մեղադրում։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես շատ տարիներ առաջ, երբ մենք նստած էինք «Տարվա չորս եղանակները» սրճարանում։ Երբ ես նկատեցի, որ իմ՝ Օսկարի անցյալի մասին միգուցե շատ երկարաշունչ պատմությունների ժամանակ խրատատուս ննջում է, ես էլի մոտավորապես քառորդ ժամ խաղացի իմ էլեկտրական աթոռի հետ, ստիպեցի նրան շչալ ու մանրահատակի վրայով դես ու դեն շարժվել, այն աջ ու ու ձախ էի շրջում, ստիպում էի մեծանալ ու փոքրանալ ու միայն դժվարությամբ կարող էի թողնել այդ ունիվերսալ արարչությունը, որի անսպառ հնարավորությունները մարդու մեջ անվանս֊մեղսակից հակում էին զարգացնում։
 +
 +
Իմ երկրորդ համերգային շրջագայությունը համընկավ նախասուրբծննդյան ժամանակահատվածի հետ։ Դրան համապատասխան էլ  ես կառուցեցի իմ ծրագիրը և փառաբանության միահամուռ ձայներ լսեցի ինչպես կաթոլիկ, այնպես էլ բողոքական եկեղեցիների կողմից։ Զուր չէ, որ ինձ հաջողվում էր ծեր, անուղղելի մեղավորներին վերածել երեխաների, որոնք բարակ ձայնով զգացմունքային երգեր էին երգում։ «Քեզանով եմ ես ապրում, Հիսուս, քեզ եմ ես երգում, Հիսուս»՝ երգում էր երկու հազար հինգ հարյուր մարդ, որոնցից, հաշվի առնելով նրանց զառամյալ հասակը, ոչ մեկը նման մաքուր մանկական հավատի չէր սպասում։
 +
 +
Նույնչափ նպատակասլաց էի ես ինձ պահում նաև երրորդ համերգային շրջագայությանս, որն անցավ կառնավալի ժամանակ։ Այսպես կոչված մանկական կառնավալներից ոչ մեկի ժամանակ մթնոլորտն ավելի ուրախ ու անբռնազբոսիկ չէր և չէր էլ կարող լինել, որքան իմ ելույթի ժամանակ, որոնք ծերությունից ցնցվող ցանկացած տատիկի, ցանկացած քայքայված պապիկի վեր էին ածում զվարճալի միամիտ հարսնացուի և կրակոցներ արձակող ավազակապետի։
 +
 +
Դիմակահանդեսներից հետո ես պայմանագիր ստորագրեցի գրամոֆոնի ձայնասկավառակներ թողարկող ձեռնարկության հետ։ Ձայնագրությունը տեղի էր ունենում անձայնաթափանցիկ պատերով ստուդիայում, սկզբում ես դժվարություններ էի զգում չափից դուրս ստերիլ մթնոլորտի պատճառով, հետո պահանջեցի, որպեսզի ստուդիայի պատերից այնպիսի ծերունիների ու ծեր կանանց մեծ լուսանկարներ կախեն, որպիսին կարելի էր հանդիպել ծերանոցներում և զբոսայգիների նստարանների վրա, ինչից հետո կարողացա թմբկահարել ոչ պակաս ներգործունորեն, քան մարդկային շնչով տաքացրած դահլիճներում համերգների ժամանակ։
 +
 +
Սկավառակները տարածվում էին, ինչպես բուլկիները նախաճաշի ժամանակ, և Օսկարը հարստացավ։ Հրաժարվե՞ց նա, արդյոք, այդ պատճառով իր խղճուկ սենյակից, ասել է թե ցայդլերյան բնակարանի նախկին լոգասենյակից։ Ոչ, չհրաժարվեց։ Իսկ ինչո՞ւ չհրաժարվեց։ Ես իմ սենյակից չհրաժարվեցի հանուն իմ ընկեր Կլեփի և հանուն անթափանցիկ ապակու ետևի դատարկ սենյակի, որտեղ ինչ֊որ ժամանակ ապրել ու շնչել էր քույր Դորոթեան։ Իսկ ի՞նչ արեց Օսկարը փողի այդպիսի կույտի հետ։ Նա Մարիային՝ իր Մարիային որոշ առաջարկություն արեց։ Ես նրան ասացի՝ եթե դու վռնդես քո Շտենցելին, ոչ միայն նրա հետ չամուսնանաս, այլև ընդհանրապես վռնդես, ես քո համար բարգավաճող, ժամանակակից ոճով սարքավորված նրբախորտիկների խանութ կգնեմ, քանզի վերջիվերջո դու, թանկագին Մարիա, ծնված ես առևտրի, այլ ոչ թե մի ինչ֊որ ապօրինի ծնված պարոն Շտենցելի համար։
 +
 +
Եվ ես Մարիայի հարցում չսխալվեցի։ Նա բաժանվեց Շտենցելից, իմ փողերով Ֆրիդրիխշտրասե փողոցում առաջնակարգ խանութ կահավորեց, իսկ մեկ շաբաթ առաջ Օբերկասելի վրա, ինչպես երեկ ուրախությամբ և ոչ առանց երախտագիտության ինձ տեղեկացրեց Մարիան, հաջողվեց բացել այն խանութի մասնաճյուղը, որը հիմնադրվել էր երեք տարի առաջ։
 +
 +
Ո՞րերորդ համերգային շրջագայությունից ես վերադարձա այդ ժամանակ՝ յոթերո՞րդ, թե՞ ութերորդ։ Դա տեղի ունեցավ շոգ հուլիսին։ Գլխավոր կայարանում ես տաքսի կանչեցի և անմիջապես մեկնեցի գործակալություն։ Ինչպես Գլխավոր կայարանում, այնպես էլ բարձրահարկ շենքի դիմաց ինձ էին սպասում ստորագրություն հավաքող ձանձրացնող թոշակառուներն ու ծեր կանայք, որոնք ավելի լավ կլիներ իրենց թոռներին խնամեին։ Ես կարգադրեցի անմիջապես իմ մասին զեկուցել պետին, սովորության համաձայն դռները տեսա լայն բացված, տեսա գորգը, որը տանում էր դեպի պողպատյա կահույքը, սակայն սեղանի այն կողմում նստած չէր իմ խրատատուն, և անիվներով բազկաթոռը չէր սպասում ինձ, այլ դոկտոր Դյոշի ժպիտը։
 +
 +
Բեբրան մահացել է։ Արդեն մի քանի շաբաթ է, որ իմ խրատատու Բեբրան այս աշխարհում չէ։ Բեբրայի ցանկությամբ ինձ ոչինչ չհայտնեցին նրա ծանր վիճակի մասին։ Աշխարհում ոչինչ, նույնիսկ նրա մահը, չպետք է ընդհատեր իմ համերգային շրջագայությունը։ Երբ որոշ ժամանակ անց բացեցին նրա կտակը, պարզվեց, որ ես ժառանգել եմ բավականին մեծ կարողություն և Ռոզվիտայի մինչև գոտկատեղ դիմանկարը, սակայն զգալի ֆինանսական կորուստներ կրեցի, քանի որ չափից դուրս ուշ հրաժարվեցի Հարավային Գերմանիայում և Շվեյցարիայում երկու պայմանագրային համերգային շրջագայություններից, ինչի պատճառով ինձանից պահանջեցին և տուժավճար ստացան։
 +
 +
Եթե շեղվենք մի քանի հազար մարկից՝ Բեբրայի մահը ինձ ծանր ու երկար ժամանակով խոցեց։ Ես կողպեցի իմ թմբուկը և գրեթե դուրս չէի գալիս սենյակից։ Դրան ավելացրած իմ ընկեր Կլեփը հենց այդ ժամանակ ամուսնացավ, կնության առավ սիգարետներ վաճառող մի շիկամազ աղջկա, իսկ այդ ամենն այն պատճառով, որ ինչ֊որ ժամանակ նրան էր նվիրել իր լուսանկարը։ Հարսանիքից քիչ առաջ, որին ինձ չհրավիրեցին, նա հրաժարվեց սենյակից, տեղփոխվեց Շտոկում, և Օսկարը մնաց Ցայդլերի միակ վարձակալը։
 +
 +
Ոզնու հետ իմ հարաբերությունները որոշ չափով փոխվել էին։ Այն բանից հետո, երբ գրեթե յուրաքանչյուր թերթ հաստ տպատառով տպում էր իմ անունը, նա իմ նկատմամբ դարձավ իսկը ակնածանք, հանձնեց, իհարկե ոչ ձրի, քույր Դորոթեայի դատարկ սենյակի բանալիները, ավելի ուշ ես վարձեցի այդ սենյակը, որպեսզի նա այլևս ոչ մեկին այն վարձով չկարողանար տալ։
 +
 +
Եվ այսպես, իմ թախիծը շարժվում էր իր ուղով։ Ես բացում էի երկու դռները և կոկոսե ուղեգորգի վրայով սկսում էի քայլել իմ սենյակի լոգարանից մինչև քույր Դորոթեայի վանդակը, այնտեղ բութ հայացքով նայում էի զգեստապահարանին, կոմոդի վերևի հայելուն հնարավորություն չէի տալիս ինձ ծաղրել, ծանր, առանց անկողնու մահճակալի առջև տրվում էի հուսահատությանը, փրկվում էի միջանցք փախչելով, կոկոսե մանրաթելերից փախչում էի իմ սենյակ, սակայն այնտեղ էլ չէի կարողանում երկար դիմանալ։ Հնրարավոր է միայնակ մարդկանց հաշվի առնելով որպես իր ապագա հաճախորդների՝ Արևելյան Պրուսիայից մի ոմն գործարար տիպ, որը Մազուրներում կորցրել էր դաստակերտը, Յուլիխերշտրասեից ոչ հեռու բացել էր հաստատություն, որն անվանել էր պարզ ու հասարակ․ «Շների վարձույթ»։
 +
 +
Այնտեղ էլ ես վարձույթով վերցրեցի ուժեղ, սև ու փայլուն Լյուքսին, մի քիչ գիրացած ռոտվեյլերին։ Նրա հետ ես գնում էի զբոսնելու, որպեսզի բնակարանում իմ լոգարանի ու քույր Դորոթեայի դատարկ պահարանի միջև դես ու դեն չնետվեմ։
 +
 +
Լյուքսը ինձ հաճախ տանում էր Հռենոսի ափը։ Այնտեղ նա հաչում էր շոգենավերի վրա։ Նա նաև հաճախ ինձ տանում էր դեպի Ռատ՝ Գրաֆենբերգյան անտառ։ Այնտեղ նա հաչում էր զույգերի վրա։ Հիսունմեկ թվի հուլիսի վերջին Լյուքսը ինձ տարավ Դյուսելդորֆի արվարձան՝ Գերեսհայմ, որն ինչ֊որ արթյունաբերության, օրինակ, ապակու գործարանի օգնությամբ, չնայած դժվարությամբ, թաքցնում էր իր գյուղական ծագումը։ Գերեսհայմից անմիջապես այն կողմ սկսվում էին այգեգործական հողակտորները, իսկ հողակտորների միջև, կողքին ու դրանից ետ իր ցանկապատերն էր շարել արոտավայրը, ծփում էին դաշտերը՝ իմ կարծիքով դա տարեկան էր։
 +
 +
Հիշատակե՞լ եմ ես, արդյոք, որ այն օրը, երբ Լյուքս շունն ինձ հասցրեց Գերեսհայմ և դուրս բերեց Գերեսհայմից այն կողմ, տարեկանի դաշտերի ու այգեգործական հողակտորների միջև, շատ շոգ էր։ Միայն այն բանից հետո, երբ ետևում մնացին արվարձանի վերջին տները, ես Լյուքսին թոկից բաց թողեցի։ Սակայն նա մնում էր իմ ոտքերի մոտ, նա հավատարիմ շուն էր, հազվագյուտ հավատարիմ, քանզի, որպես վարձույթի շուն, պետք է հավատարմություն դրսևորեր բազմաթիվ տերերի հանդեպ։
 +
 +
Այլ խոսքերով, ռոտվեյլեր Լյուքսը ինձ լսում էր, դա ձեզ համար ինչ֊որ տաքսա չէ։ Ես նրա հնազանդությունը չափից դուրս էի համարում, ես կնախընտրեի, որպեսզի նա թռներ, ես նրան նույնիսկ ոտքով հարվածում էի, սակայն նա եթե նույնիսկ փախչում էր, ապա խղճի խայթի զգացումով, անընդհատ շրջում էր սև հարթ պարանոցով գլուխը և ինձ էր նայում, ասացվածք դարձած, շան նման հավատարիմ հայացքով։
 +
 +
― Հեռացի՛ր, Լյուքս, ― պահանջում էի ես։ ― Կորի՛ր։
 +
 +
Լյուքսը շատ անգամ հնազանդվում էր, սակայն այնքան կարճատև, որ ես թեթևացած շունչ էի քաշում, երբ նա ինչ֊որ տեղ երկար էր մնում, անհետանում էր հասկերի մեջ, որոնք քամու ներքո ալիք֊ալիք քայլում էին և, անկասկած, տարեկանի հասկեր էին, չնայած ինչ է նշանակում «քամու ներքո»՝ ոչ մի քամի էլ չկար, ուղղակի ամպրոպի հոտ էր գալիս։
 +
 +
«Կա֊չկա նա ճագարին վախեցրեց», ― մտածեցի ես։ Իսկ միգուցե նրա մոտ էլ միայնակ մնալու՝ շուն մնալու պահանջ առաջացավ, ինչպես որ Օսկարն էր ուզում՝ մնալով առանց շան, որոշ ժամանակ մնալ որպես մարդ։
 +
 +
Շրջակա տեսարաններն ինձ ամենևին չէին գրավում։ Ո՛չ այգեգործական հողակտորները, ո՛չ Գերեսհայմը, ո՛չ նրանից ետ ընկած միաչափ, ծխի մեջ քաղաքը չէին գրավում իմ հայացքը։ Ես նստեցի դատարկ, ժանգոտված թմբկագլանի վրա։ Ինչու եմ ես նրան անվանում թմբուկ․ որովհետև, հենց նոր նստելով, Օսկարը ձեռքի ոսկորներով սկսեց նրա վրա թմբկահարել։ Տաք եղանակ էր։ Կոստյումը ճնշում էր ինձ, ամառվա համար բավականաչափ թեթև չէր։ Լյուքսը հեռացել էր։ Լյուքսը չէր վերադառնում։ Մետաղամալուխե թմբկագլանը, իհարկե, ինձ համար չէր փոխարինում թիթեղյաին, սակայն, այնուամենայնիվ, ես դանդաղ լող էի տալիս դեպի անցյալը, իսկ երբ մնացի տեղում, երբ իմ առջև շարունակ հայտնվում էին հիվանդանոցային հիշողություններով լի վերջին տարիների պատկերները, գետնից երկու չոր փայտ վերցրեցի ու ինքս ինձ ասացի․ սպասիր, Օսկար, եկ վերջապես տեսնենք, թե ով ես դու և որտեղից էս եկել։ Եվ ահա արդեն իմ առջև լույսով լցվեցին իմ ծննդյան ժամի երկու հարյուր վաթսուն մոմանոց լամպերը։ Թիթեռնիկը դղրդում էր նրանց միջև, հեռավոր ամպրոպը շարժում էր ծանր կահույքը։ Ես լսեցի Մացերատի, իսկ դրանից հետո մայրիկիս ձայնը։ Մացերատը ինձ կրպակ էր խոստանում, մայրիկս խաղալիք խոստացավ, երեք տարեկան հասակում ես պետք է թմբուկ ստանայի, և Օսկարն էլ ահա ձգտում էր հնարավորին չափ շուտ թռչել֊անցնել այդ երեք տարիների վրայով․ ես ուտում էի, խմում էի, փսխում էի, կազդուրվում էի, թույլ էի տալիս ինձ օրորել, բարուրել, լողացնել, մաքրել, վրաս պուդրա շաղ տալ, պատվաստել, պաշտել, անունով դիմել, ընդառաջ գնալով ցանկություններին՝ ժպտում էի, պղպջակներ թողնում երբ կամենայի, քնում էի, երբ ժամանակն էր քնել, արթնանում էի ճիշտ ժամանակին, իսկ քնիս մեջ ընդունում էի այն դեմքը, որը մեծահասակները հրեշտակային են անվանում։ Բազմաթիվ անգամ փորլուծություն ունեցա, ես հաճախ էի մրսում, ինչ֊որ տեղ կապույտ հազ թռցրեցի, այն երկար ժամանակ թողեցի ինձ մոտ և տվեցի միայն այն բանից հետո, երբ կարողացա հասկանալ նրա բարդ ռիթմը և այն ընդմիշտ պահել դաստակներիս մեջ, քանզի, ինչպես հայտնի է բոլորին, «Կապույտ հազ» համերգային համարը մնում էր իմ խաղացանկում, և երբ Օսկարը երկու հազար հանդիսատեսների առջև կապույտ հազ էր թմբկահարում, բոլոր երկու հազար ծերունիներն ու ծեր կանայք սկսում էին երկար հազալով քայլել։
 +
 +
Լյուքսը կաղկանձելով վազեց ինձ մոտ և սկսեց քսմսվել ծնկներիս։ Ախ, այդ վարձույթի բյուրոյի շունը, որին վարձույթով վերցնելն ինձ իմ միայնակությունը թելադրեց։ Նա կանգնել էր իր չորս թաթերի վրա, շարժում էր պոչը, շնից շուն էր, նա շան հայացք ուներ և փսլնքոտ երախի մեջ ինչ֊որ բան․ փայտիկ, քար, դե էլ ինչն է շան համար արժեք ներկայացնում։
 +
 +
Ինձ համար այդքան կարևոր կյանքիս սկիզբը դանդաղ ու սահուն հեռանում էր ինձանից։ Անցնում էր բերանիս ցավը, որը խոստանում էր առաջին ատամներիս դուրս գալը, ես հոգնած մարմնով թեքվեցի ետ, մեծահասակ, հագնված փոքր֊ինչ ավելի տաք, քան հարկն է, ձեռքի ժամացույցով կուզիկս, անձը հաստատող փաստաթղթերով, դրամապանակիս մեջ՝ թղթադրամների կապուկով։ Ես շուրթերով արդեն սեղմել էի սիգարետը և նրան էի մոտեցնում լուցկին՝ նրա վրա դնելով իմ բերանից միանշանակ մանկության համը դուրս մղելու խնդիրը։
 +
 +
Իսկ Լյո՞ւքսն ինչ։ Լյուքսը քսմսվում էր ինձ։ Ես վռնդեցի նրան, ես նրա վրա ծխի ամպ փչեցի։ Նա իր հայացքով լպստում էր ինձ։ Ես, ծիծեռնակներ փնտրելով, աչքերով զննեցի հեռախոսասյուների հաղորդալարերը, ես ծիծեռնակներին ուզում էի օգտագործել որպես միջոց աներեսաբար կպչող շների դեմ։ Սակայն ծիծեռնակներ չկային, և ինձ չհաջողվեց Լյուքսին վռնդել։ Նրա մռութը ցցվել էր ոտքերիս արանքում և այնքան վստահ էր կպել մի տեղին, կարծես վարձույթի տնօրենը նրան վարժեցրել էր հատուկ այդ նպատակի համար։
 +
 +
Իմ կրունկը երկու անգամ հարվածեց նրան։ Նա ետ գնաց, դողալով կանգնեց իր չորս թաթերի վրա և, այնուամենայնիվ, այնքան ինքնավստահ էր մոտեցնում ինձ իր մռութը, կարծես նրա ատամների մեջ ոչ թե փայտիկներ էին կամ քար, այլ իմ դրամապանակը, որի առկայությունը ես զգում էի իմ պիջակի մեջ, ինչպես իմ ժամացույցը, որը հստակ տկտկում էր դաստակիս վրա։ Այդ դեպքում ի՞նչ էր նա պահում։ Ինչն էր նրա համար այդքան կարևոր ու ցուցադրման համար այդքան արժանի։ Ես արդեն ձեռքս մտցրել էի նրա տաք ծնոտների արանքը, ես այն անմիջապես վերցրեցի ձեռքս և անմիջապես հասկացա, թե հատկապես ինչ վերցրեցի, սակայն ձևացրեցի, թե իբր փնտրում եմ մի բառ, որն ունակ է սահմանել այն գտածուն, որը Լյուքսը տարեկանի դաշտից բերեց ինձ։
 +
 +
Գոյություն ունեն մարդկային մարմնի այնպիսի մասեր, որոնք, լինելով մարմնից առանձնացված, պոկված, ենթակա են առավել ճշգրիտ ու հեշտ ուսումնասիրման։ Դա մատն է։ Կանացի մատ։ Մատնեմատ։ Կանացի մատնեմատ։ Նրբաճաշակ մատանիով կանացի մատնեմատ։ Դաստակի բծի և մատի առաջին հոդի միջև մատանուց մոտ երկու սանտիմետր ներքև մատը թույլ էր տվել իրեն առանձնացնել։ Մկանները ծալող ջրից մաքուր ու հստակ կռահելի հատվածամաս էր պահպանվել։
 +
 +
Դա գեղեցիկ, դա շարժուն մատ էր։ Մատանու քարը, որը պահում էին ոսկյա վեց կեռիկները, ես անմիջապես անվանեցի ծովաբյուրեղ և, ինչպես պարզվեց հետագայում, լիովին ճիշտ էի։ Իսկ բուն մատանին մի տեղում այն աստիճան բարակ էր, կոտրվելու վտանգի չափ մաշված, որ ես անմիջապես որոշեցի, որ դա տոհմական թանկարժեք զարդ է։ Չնայած կեղտը կամ, ավելի ստույգ, հողը նրա եղունգի տակ գիծ էր գծել, կարծես այդ մատը ստիպված էր եղել քերծել կամ փորել հողը, եղունգի եզրերը և նրա կառուցվածքը խնամվածության տպավորություն էին թողնում։ Հետո, այն բանից հետո, երբ ես մատը հանեցի տաք երախից, սառն էր թվում, իսկ նրան բնորոշ դեղնավուն սփրթնածությունը արդարացնում էր այդ սառնությունը։
 +
 +
Արդեն մի քանի ամիս էր, ինչ Օսկարը պիջակի կրծքամասի գրպանում եռանկյունի ծալված ու այնտեղից դուրս ցցված թաշկինակ էր կրում։ Հենց այդ մետաքսե կտորն էլ նա հանեց գրպանից, փռեց, նրա վրա դրեց մատնեմատը՝ ընթացքում որոշելով որ մատի․ ներսային կողմի մինչև երրորդ հոդը պատված էր գծերով, որոնք վկայում էին ջանասիրության, նպատակասլացության ու փառասեր համառության մասին։
 +
 +
Մատը թաշկինակի մեջ թաքցնելով՝ ես վեր կացա մետաղամալուխի թմբկագլանի վրայից, փաղաքշանքով թոթովեցի Լյուքսի պարանոցը, աջ ձեռքումս պահելով թաշկինակը և թաշկինակի մի մատը, պատրաստվեցի բարով ճանապարհ ընկնել, ուզում էի շարժվել դեպի Գերեսհայմ, դեպի տուն, իմ գտածոյի վերաբերյալ տարբեր մտադրություններ ունեի, հասցրեցի նույնիսկ մոտենալ մոտակա այգեգործական  հողատարածքի ցանկապատին, սակայն այդ ժամանակ ինձ ձայն տվեց Վիտլարը, որը պառկած էր երկփեղկված խնձորենու ճեղքի վրա և այդ դիրքից անընդհատ հետևում էր ինձ ու որսորդական շանը։
 +
 +
 +
===Վերջին տրամվայը կամ պահածոյացման համար բանկայի աստվածացումը===
 +
 +
 +
Թեկուզ վերցնենք նրա ձայնը․ ամբարտավան, ճոռոմախոս, ռնգախոս։ Եվ այսպես, նա պառկած էր խնձորենու  ճեղքի վրա և ասաց․
 +
 +
― Լավ շուն ունեք, իմ պարոն։
 +
 +
Ես՝ ի պատասխան, որոշ չափով շփոթված․
 +
 +
― Իսկ դուք ի՞նչ եք անում խնձորենու վրա։
 +
 +
Նա իր ճեղքի վրա սկսեց սիրունանալ, կոտրատվելով ուղղեց իր իրանը։
 +
 +
― Սրանք ընդամենը խնձորներ են, ընդամենը եփելու խնձորներ են։ Աստծու սիրուն, ոչնչից մի վախեցեք։
 +
 +
Ստիպված եղա նրան կարգի հրավիրել․
 +
 +
― Անկեղծ ասած, ես ի՞նչ կապ ունեմ ձեր եփելու խնձորների հետ։ Եվ ինչո՞ւ պետք է վախենամ։
 +
 +
― Դե, գիտեք ինչ, ― նա սկսեց օձի պես շարժել լեզուն, ― դուք ինձ լիովին կարող եք դրախտային օձ համարել, քանզի եփելու խնձոր դեռ այն ժամանակ գոյություն ուներ։
 +
 +
Ես կատաղաբար․
 +
 +
― Այլաբանական դատարկախոսություն։
 +
 +
Նա աներևակայելի խորամանկությամբ․
 +
 +
― Դուք կարծում եք, որ միայն դեսերտային մրգե՞րն են մեղքի արժանի։
 +
 +
Ես արդեն ուզում էի հեռանալ, քանզի այդ րոպեին ոչինչ առավել անտանելի չէր թվում, քան դրախտում աճած մրգերի վերաբերյալ բանավեճը, սակայն այդ ժամանակ նա մի կողմ թողեց կողմնակի ակնարկները, ճարպկորեն ցած թռավ իր ճեղքի վրայից, երկարահասակ ու անհավասարակշիռ կանգնեց ցանկապատի դիմաց։
 +
 +
― Իսկ այդ ի՞նչ բերեց ձեր շունը տարեկանի դաշտից։
 +
 +
Ախր, ինչո՞ւ ես պատասխանեցի․
 +
 +
― Նա քար բերեց։
 +
 +
Խոսակցությունը վերածվում էր հարցաքննության։
 +
 +
― Եվ դուք քարը թաքցնում եք ձեր գրպանո՞ւմ։
 +
 +
―Ես ընդհանրապես չեմ սիրում գրպանումս քարեր կրել։
 +
 +
― Իսկ ինձ այն, ինչ շունը բերեց, ավելի շուտ փայտիկ էր հիշեցնում։
 +
 +
― Ես շարունակում եմ պնդել, որ դա քար էր, եթե թեկուզ այն տասը անգամ եղել էր կամ կարող էր փայտիկ լինել։
 +
 +
― Կարճ ասած, այնուամենայնիվ  փայտի՞կ էր։
 +
 +
― Իսկ ինձ համար տարբերություն չկա, փայտիկ էր, թե քար, եփելու, թե դեսերտի խնձոր․․․
 +
 +
― Ընդ որում շարժվո՞ղ փայտիկ։
 +
 +
― Շունս դեպի տուն է ձգտում, ես գնացի։
 +
 +
― Փայտիկը մարմնագո՞ւյն է։
 +
 +
― Ավելի լավ է դուք զբաղվեիք ձեր խնձորներով։ Գնանք, Լյուքս։
 +
 +
― Փայտիկը մարմնագույն է, շարժվող ու մատանիո՞վ։
 +
 +
― Ի՞նչ եք դուք ուզում ինձանից։ Ես սովորական անցորդ եմ, որը զբոսանքի համար վարձույթով շուն է վերցրել։
 +
 +
― Հասկանո՞ւմ եք, ես նույնպես վարձույթով ինչ֊որ բան կցանկանայի վերցնել։ Չի կարելի ինձ, արդյոք, թեկուզ մեկ վայրկյանով ճկույթիս հագցնել այն շատ գեղեցիկ մատանին, որը փայլում էր ձեր փայտիկի վրա՝ այն վերածելով մատի։ Իմ անունը Վիտլար է, Գոթֆրիդ ֆոն Վիտլար, վերջինը մեր տոհմում։
 +
 +
Այդպես էլ ծանոթացա Վիտլարի հետ, այդ նույն օրը նրա հետ ընկերացա, մինչ օրս էլ նրան համարում եմ իմ ընկերը և այդ իսկ պատճառով ոչ ավելի ուշ, քան մի քանի օր առաջ, երբ ինձ այցելության եկավ, նրան ասացի․
 +
 +
― Ես ի սրտե ուրախ եմ, սիրելի Գոթֆրիդ, որ հատկապես դու՝ ընկերս, մատնեցիր ինձ ոստիկանությանը, այլ ոչ թե մի ինչ֊որ առաջին հանդիպած մարդ։
 +
 +
Եթե աշխարհում գոյություն ունեն հրեշտակներ, ապա Վիտլարը նրանցից մեկն է, երկարահասակ, թեթևսոլիկ,  աշխույժ, ծալվող, որին ավելի շուտ կարելի է պատկերացնել փողոցային լապտերներից ամենաանօգուտին գրկած, քան նրան փարվող տաք աղջկան։
 +
 +
Վիտլարին դժվար է միանգամից նկատելը։ Ամեն անգամ ներկայացնելով իր երրորդություններից մեկը՝ նա կարող է, հանգամանքներից կախված, կերպարանափոխվել թելի, բանջարանոցային խրտվիլակի, վերարկուի համար կախիչի, գետնին ընկած փլատակի։ Ահա թե ինչու ես նրան չնկատեցի, երբ նստած էի մետաղամալուխե թմբկագլանին, իսկ նա պառկած էր խնձորենու վրա։ Չէ՞ որ նույնիսկ շունը չսկսեց հաչել, քանզի շունը չի կարող ո՛չ հրեշտակի հոտը առնել, ո՛չ տեսնել, ո՛չ հաչել։
 +
 +
― Բարի եղիր, ― խնդրեցի ես նրան նախանցյալ օրը, ― ուղարկիր ինձ այն մատնագրի տեքստը, որը դու արեցիր երեք տարի առաջ և որից սկսվեց իմ դատավարությունը։
 +
 +
Եվ ահա իմ առջև դրված է այդ մատնագրի պատճենը, և ես խոսքը տալիս եմ իրեն՝ նրան, ով դատարանում գործեց իմ դեմ․
 +
 +
«Ես՝ Գոթֆրիդ ֆոն Վիտլարս, հիշյալ օրը պառկած էի խնձորենու  ճեղքի վրա, որ աճում է իմ մայրիկի այգեգործական հողակտորում և ամեն տարի ճիշտ այնքան խնձոր է  տալիս, որքան խնձորի պովիդլոյի  տեսքով կարող են տեղավորել պահածոյացման համար մեր յոթ բանկաները։ Եվ այսպես, ես պառկած էի ճեղքի վրա, հետևաբար պառկած էի կողքիս՝ ձախ քունքոսկրս տեղավորելով ճեղքի ամենախորը, թեթևակի մամուռով պատված կետում։ Իմ ոտնաթաթերը մատներով ցույց էին տալիս Գերեսհայմի ուղղությամբ։ Իսկ ես նայում էի, ի միջի այլոց, ո՞ւր էի ես նայում, իսկ նայում էի  ես ուղիղ իմ դիմաց և հույս ունեի, որ իմ տեսադաշտում ինչ֊որ բան տեղի կունենա։
 +
 +
Եվ այդ ժամանակ իմ տեսադաշտ մտավ մեղադրյալը, որն այսօրվա դրությամբ համարվում է իմ ընկերը։ Նրան ուղեկցում էր շունը, նա վազում էր նրա շուրջը և, ընդհանրապես, իրեն պահում էր այնպես, ինչպես որ հարկն է շներին, իսկ նրան անվանում էին, ինչի մասին հետագայում ինձ հայտնեց մեղադրյալը, Լյուքս, ցեղը՝ ռոտվեյլեր, նրան կարելի է վարձույթով վերցնել վարձույթի բյուրոյում, որը Սուրբ Ռոխայի եկեղեցու մոտակայքում է։
 +
 +
Մեղադրյալը նստեց դատարկ թմբկագլանի վրա, որը պատերազմի ավարտից հետո ընկած էր իմ տատիկ Ալիսա ֆոն Վիտլարի այգեգործական հողակտորի դիմաց։ Բարձր դատարանին հայտնի է, որ մեղադրյալի հասակը կարելի է սահմանել որպես փոքր ու արատավոր։ Դա անմիջապես ընկավ իմ աչքին։ Ինձ էլ անսովոր թվաց փոքրիկ, լավ հագնված պարոնի պահվածքը։ Նա երկու չոր ճյուղերով թմբկահարում էր ժանգոտված մետաղամալուխի թմբկագլանի, ասել է թե թմբուկի վրա։ Սակայն եթե ուշադրություն դարձնենք, որ մեղադրյալը մասնագիտությամբ հենց թմբկահար է և, ինչպես պարզվեց հետագայում, որտեղ էլ որ հայտնվի, տրվում է իր զբաղմունքին, և որ մետաղամալուխի թմբկագլանը, չէ՞ որ զուր չեն նրան այդպես անվանում, նույնիսկ ամենաընդունակ մարդուն կհրահրեր փայտիկներով աշխատել, հարկ կլինի խոստովանել հետեևյալը․ նախաամպրոպյան ամառային օրով մեղադրյալ Օսկար Մացերատը նստել էր մետաղամալուխի թմբկագլանի վրա, որն ընկած էր տիկին Ալիսա ֆոն Վիտլարի այգեգործական հողակտորի դիմաց և տարբեր չափսերի երկու չոր ճյուղերի օգնությամբ ռիթմիկ կազմակերպված ձայներ էր արձակում։
 +
 +
Այնուհետև ես պետք է ցույց տամ, որ Լյուքս շունը բավական երկար ժամանակ անհետացավ արդեն հունձքի համար հասած տարեկանի դաշտում։ Իսկ եթե դուք ինձ հարցնեք, թե կոնկրետ որքան ժամանակով նա անհետացավ, ես կդժվարանամ պատասխանել, քանզի բավական է ես պառկեմ իմ խնձորենու ճեղքի վրա, և ինձ անմիջապես լքում է ժամանակի ցանկացած զգացում։ Եվ եթե ես այնուամենայնիվ ասում եմ, որ շունը երկար ժամանակ բացակայում էր, դա կարող է ընդամենը նշանակել, որ ես ինչ֊որ կերպ զգում էի այդ շան պակասը, քանի որ ինձ դուր եկան նրա սև մորթին ու կախված ականջները։
 +
 +
Իսկ մեղադրյալի համար, կարծում եմ, բոլոր հիմքերն ունեմ այդպես ասելու, նրա պակասը չէր զգացվում։
 +
 +
Երբ Լյուքս անունը կրող շունը վերադարձավ արդեն հունձի համար հասած տարեկանի դաշտից, երախում ինչ֊որ բան էր բռնել։ Չեմ համարձակվի պնդել, իբր ես անմիջապես հասկացա, թե հատկապես ինչ է նա բռնում։ Որոշեցի, որ դա փայտ է, ավելի շուտ՝ քար, իսկ միգուցե, պակաս հավանականությամբ, թիթեղյա տուփ կամ թիթեղյա գդալ։ Միայն երբ մեղադրյալը շան երախից հանեց corpus dellcti, ես հստակ տեսա, թե ինչի հետ մենք գործ ունենք։ Սակայն այն պահից, երբ շունը, որքան հիշում եմ, քսմսվեց մեղադրյալի շալվարի ձախ կողքին, դեռևս երախում ինչ֊որ բան պահելով, և, ցավոք, արդեն որևէ սահմանման չենթարկվող պահից, երբ մեղադրյալը տիրոջական տեսքով այն վերցրեց երախից, ամենազգույշ հաշվարկներով անցավ մի քանի րոպե։ Որքան էլ շունը փորձում էր գրավել իրեն վարձած տիրոջ ուշադրությունը՝ վերջինս միայն անդադար թմբկահարում էր այն միապաղաղ, տպավորիչ, սակայն անիմանալի եղանակով, որով թմբկահարում են երեխաները։ Միայն երբ շունը համարձակվեց դիմել անվայելուչ արարքի և խոնավ մռութով խցկվեց մեղադրայլի ոտքերի արանքը, նա մի կողմ նետեց փայտիկները և ոտքով հարվածեց, դա հաստատ եմ հիշում, շանը աջ ոտքով հարվածեց։ Շունը տիրոջ շուրջ կիսաշրջան կատարեց, սակայն հետո, շան նման դողալով, կրկին մոտեցավ նրան և առաջ մեկնեց դեռևս ինչ֊որ բան պարունակող երախը։
 +
 +
Տեղից վեր չկենալով, այլ խոսքերով՝ նստած, մեղադրյալը ձեռքը մտցրեց՝ այս անգամ ձախը, շան ատամների արանքը։ Իր գտածոյից ազատվելով՝ Լյուքս շունը մի քանի մետր ետ֊ետ գնաց։ Իսկ մեղադրյալն ինքը շարունակում էր նստած մնալ՝ գտածոն ձեռքում բռնած, փակեց ափը, կրկին բացեց, կրկին փակեց և երբ նա այն երկրորդ անգամ բացեց, նրա գտածոյի վրա ինչ֊որ բան էր փայլում։ Իր գտածոյի տեսքի հետ ընտելանալով՝ նա այն բութ մատով ու ցուցամատով բարձրացրեց և հորիզոնական դիրքով պահեց աչքերի հարթության վրա։
 +
 +
Այդ գտածոն միայն այժմ եմ ես մատ անվանում, նրա փայլելու կապակցությամբ ճշտում եմ․ մատնեմատ և նույնիսկ դրանում չկասկածելով, անվանում եմ տալիս հետպատերազմական ժամանակի ամենահետաքրքիր դատավարություններից մեկին, քանզի ինձ՝ Գոթֆրիդ ֆոն Վիտլարիս, մատնեմատի դատավարության ամենակարևոր վկան են անվանում։
 +
 +
Քանի որ մեղադրյալը հանգստություն պահպանեց, ես ևս հանգստություն էի պահպանում։ Այո, նրա հանգստությունը փոխանցվեց ինձ։ Եվ երբ մեղադրյալը մատանիով մատը խնամքով փաթաթեց թաշկինակի մեջ, որը մինչ այդ սիրատածուի պես պահպանում էր իր պիջակի կրծքի վրայի գրպանում, ես թմբկագլանի վրա նստած այդ մարդու հանդեպ լցվեցի համակրանքի զգացումով․ շատ արժանավոր պարոն է, մտածեցի ես, լավ կլիներ նրա հետ ծանոթանալ։
 +
 +
Այդպես էլ ես ձայն տվեցի նրան, երբ իր վարձույթով վերցրած շան հետ ցանկանում էր հեռանալ Գերեսհայմի ուղղությամբ։ Սկզբում նա ափսոսանքով արձագանքեց, ես կասեի նույնիսկ՝ մեծամտորեն։ Ես մինչ օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ պատճառով մեղադրյալը իմ մեջ օձի խորհրդանշանական մարմնավորում տեսավ, միայն այն բանի պատճառով, որ ես պառկած էի խնձորենու սաղարթավոր մասի վրա։ Իմ տատիկի չինական խնձորները ևս նրա մեջ կասկած առաջացրին։ Նա ասաց, որ դրանք, անկասկած, դրախտային խնձորներ են։
 +
 +
Չեմ բացառում, որ չարը սովոր է կենալ առավելապես սաղարթների մեջ, ճեղքերի վրա։ Սակայն, ահա  անձամբ ինձ, ոչ այլ ինչ, քան հեշտությամբ  տիրող ձանձրույթն էր դրդում շաբաթական մի քանի անգամ խնձորենու ճեղքի վրա զբաղեցնել իմ տեղը։ Չնայած, միգուցե ձանձրույթն  ինքնըստինքյան հենց չարն է որ կա։ Իսկ ի՞նչ էր մեղադրյալին քշում Դյուսելդորֆի պատերի տակ։ Նրան, ինչպես նա ավելի ուշ ինձ դրանում խոստովանեց, միայնակությունն էր քշում։ Սակայն միայնակություն՝ մի՞թե սա ձանձրույթի անունը չէ։ Այս դատողություններս կիսում եմ ոչ այն նպատակով, որպեսզի մերկացնեմ մեղադրյալին, այլ այն նպատակով, որպեսզի նրան դարձնեմ հասկանալի։ Դա չէ՞ արդյոք չարի խաղը, այդ թմբկահարությունը, որը ռիթմիկ վերացրեց չարը, նրան դարձրեց ինձ համար այնքան համակրելի, որ ես խոսեցի նրա հետ և սկսեցի նրա հետ ընկերություն անել։ Եվ այն հայտարարությունը ևս, որը ստիպեց ինձ որպես վկայի, իսկ նրան՝ որպես մեղադրյալի, կանգնել բարձր դատարանի առջև, չէ որ այն ևս մեր կողմից հորինված խաղ էր, մեր միայնակությունը և մեր ձանձրույթը ցրելու ու հագեցնելու ևս մեկ միջոց։
 +
 +
Իմ խնդրանքին տեղի տալով, մեղադրյալը որոշ տատանումներից հետո հագցրեց մատնեմատի վրայի մատանին, ընդ որում, արտակարգ հեշտությամբ դուրս եկած, իմ ձախ ճկույթին։ Մատանին, իսկը իմ չափով էր և ուրախացրեց ինձ։ Բնականաբար, դեռ մինչև այն իմ մատի վրա փորձելը, ես լքեցի ճեղքի վրայի իմ սովոր տեղը։ Մենք կանգնած էինք ցանկապատի երկու կողմերում, մենք տվեցինք մեր անունները, սկսեցինք զրուցել, ընդ որում մի քանի քաղաքական թեմաներ շոշափեցինք, ինչից հետո էլ նա ինձ տվեց մատանին, իսկ մատը թողեց իրեն, ընդ որում այն շատ խնամքով էր բռնել։ Մենք հանգեցինք այն ընդհանուր կարծիքին, որ գործ ունենք կնոջ մատի հետ։ Մինչ ես կրում էի մատանին ու այն պահում արևի ճառագայթների տակ, մեղադրյալը սկսեց ազատ ձախ ձեռքով ցանկապատի վրա պարային ուրախ և առույգ ռիթմ թմբկահարել։ Սակայն իմ տատիկի հողակտորը շրջափակող փայտե ցանկապատը այն աստիճան անկայուն է, որ մեղադրյալի թմբուկային կոչերին արձագանքեց փայտի ճարճատոցով ու թրթռոցով։ Չգիտեմ, թե մենք որքան այդպես կանգնած մնացինք՝ աչքերով խոսելով։ Իսկ երբ մի ինչ֊որ ինքնաթիռ միջին բարձրության վրա մեզ հասցրեց իր շարժիչների դղրդյունը, մենք երկուսս էլ հենց տրված էինք անմեղ խաղին։ Հնարավոր է, որ ինքնաթիռն ուզում էր նստել Լոհաուզենում։ Եվ չնայած մեր երկուսի համար շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես ինքնաթիռը կմտնի վայրէջքի գոտի՝ երկու, թե չորս շարժիչներով, մենք մեր հայացքներն իրարից չկտրեցինք, մենք չորոշեցինք վայրէջք կատարելու եղանակը, իսկ այդ խաղը հետագայում, երբ մենք ժամանակ էինք ունենում դրանով զբաղվելու, մենք անվանեցինք Լեո Խենթուկի ճգնավորություն, քանզի մեղմիկ խոսքերով, շատ տարիներ առաջ, նա առավելապես գերեզմանատներում նույն այդ խաղով էր զբաղվում։
 +
 +
Երբ ինքնաթիռը գտավ իր վայրէջքային գոտին, ինձ համար իսկապես դժվար է ասել, երկու թե չորս շարժիչանի մեքենա էր դա, ես մատանին վերադարձրեցի նրան։ Մեղադրյալը մատանին հագցրեց մատին՝ իր թաշկինակը երկրորդ անգամ որպես փաթեթավորման նյութ օգտագործելով, և ինձ հրավիրեց ընկերակցել իրեն։
 +
 +
Այս ամենը տեղի էր ունենում հազար ինը հարյուր հիսունմեկ թվի հունիսի յոթին։ Գերեսհայմում, տրամվայի վերջին կանգառում մենք տրամվայ չնստեցինք, այլ տաքսի վերցրինք։ Հետագայում էլ մեղադրյալը ցանկացած հարմար առիթի դեպքում իմ հանդեպ շռայլություն էր ցուցաբերում։ Մենք մեկնեցինք քաղաք։ Տաքսիստին կարգադրեցինք սպասել Սուրբ Ռոխի եկեղեցու մոտի շների վարձույթի բյուրոյի դիմաց, հանձնեցինք Լյուքս շանը, կրկին նստեցինք տաքսի, և այն մեզ ողջ քաղաքի՝ Բիլկի, Օբերբիլկի միջով տարավ  Վերստենյան գերեզմանատուն, այնտեղ պարոն Մացերատը ստիպված եղավ վճարել ավելի քան տասներկու մարկ, և դրանից հետո միյան մենք այցի գնացինք գերեզմանաքարերի արհեստանոց՝ Քերնեֆ անունով քարհատի մոտ։
 +
 +
Արհեստանոցում շատ կեղտոտ էր, և ես ուրախացա, որ Քորնեֆն իմ ընկերոջ առաջադրանքը ընդամենը մեկ ժամում կատարեց։ Մինչ իմ ընկերը սիրով ու մանրամասնորեն ինձ նկարագրում էր զանազան գործիքները և զանազան քարերի տեսակները, պարոն Քորնեֆը, մատի վերաբերյալ ոչ մի բառ չփոխանակելով, դրանից առանց մատանու գիպսե կաղապար պատրաստեց։ Ես աչքի պոչով հետևում էի նրա աշխատանքին․ Չէ՞ որ մատը առաջիկայում պետք է նախնական մշակման ենթարկել, այլ խոսքերով, այն շփեցին ճարպով, ծայրից թելով կապեցին, այնուհետև ծածկեցին գիպսով, և մինչ գիպսի քարանալը, թելով կտրեցին կաղապարը։ Չնայած իմ՝ մասնագիտությամբ ձևավորողիս համար, գիպսե ձուլվածքների պատրաստումը որևէ նոր բան չէր պարունակում, այդ մատը, քարհատի մոտ հայտնվելուց անմիջապես հետո, դարձավ մի տեսակ ոչ նրբագեղ, և նրա ոչ նրբագեղությունն անհետացավ, միայն երբ մեղադրյալը ծեփապատճենի հաջող պատրաստումից հետո կրկին վերցրեց մատը, ճարպից մաքրեց և իր թաշկինակով փաթաթեց։ Իմ ընկերը վճարեց քարհատին։ Սկզբում վերջինս չէր ուզում նրանից փող վերցնել, քանի որ պարոն Մացերատին համարում էր իր գործընկերը։ Դրանից բացի նա ավելացրեց, որ պարոն Մացերատը ժամանակին սեղմելով հանում էր իր մկնոռախտերը և նույնիսկ դրա դիմաց ոչինչ չէր վերցնում։ Երբ ձուլածոն քարացավ, քարհատը քանդեց կաղապարը, իսկականին ավելացրեց ծեփապատճենը, խոստացավ մոտակա օրերին էլ մի քանի ծեփապատճեններ պատրաստալ, և իր գերեզմանաքարերի ցուցահանդեսի միջով մեզ դուրս բերեց դեպի Աղոթատեղիի արահետ։
 +
 +
Տաքսիով երկրորդ ուղևորությունը մեզ հասցրեց գլխավոր կայարան։ Այնտեղ մեղադրյալն ինձ կայարանի նրբաճաշակ ռեստորանում առատ ընթրիքի հրավիրեց։ Մատուցողի հետ նա շատ մտերմաբար էր խոսում, ինչից ես հետևություն արեցի, որ պարոն Մացերատը, հավանաբար, մշտական այցելուներից է։ Մենք թարմ բողկով տավարի կրծքամիս և նաև հռենոսյան սաղմոն էինք ուտում, իսկ վերջում՝ պանիր։ Եվ այդ ամենը ավարտեցինք մեկ շիշ շամպայնով։ Երբ մեր զրույցի ժամանակ կրկին խոսք գնաց մատի մասին, և ես մեղադրյալին խորհուրդ տվեցի այն ճանաչել որպես ուրիշի սեփականություն և հանձնել, նամանավանդ, որ նա այժմ ունի դրա ծեփապատճենը, մեղադրյալը հստակ ու վճռականորեն պատասխանեց, որ իրեն համարում է մատի օրինական սեփականատերը, քանի որ արդեն իսկ ծնվելու ժամանակ, չնայած քողարկված ձևով, «թմբուկի փայտիկ» բառի միջոցով նրան այդպիսի մատ էր խոստացվել և հետո նա այստեղ կարող էր վերհիշել իր ընկեր Հերբերթ Տրուչինսկու թիկունքի վրայի սպիները, որոնք, ունենալով մեկ մատ երկարություն, նույնպես մատնեմատ էին նախագուշակում․ դե և, ի վերջո, մնում է փամփուշտի պարկուճը, որը նա գտավ Զասպեի գերեզմանատանը և որը նույնպես ապագա մատնեմատի չափսերն ու նշանակությունը ուներ։
 +
 +
Չնայած սկզբնական շրջանում ես պատրաստ էի ծիծաղել իմ նոր ձեռք բերած ընկերոջ տրամաբանության ու դատողությունների վրա, սակայն չի կարելի չխոստովանել, որ տրամաբանող մարդն ունակ է առանց դժվարության ընդունել նման հաջորդականությունը, թմբուկի փայտիկ, սպի, փամփուշտի պարկուճ, մատնեմատ։
 +
 +
Երրորդ տաքսին արդեն ընթրիքից հետո ինձ տուն հասցրեց։ Մենք պայմանավորվեցինք նոր հանդիպման վերաբերյալ և երբ երեք օր անց ես պայմանավորվածության համաձայն մեղադրյալին կրկին այցելեցի, նա, ինչպես պարզվեց, ինձ համար անակնկալ էր պատրաստել։
 +
 +
Սկզբում նա ինձ ցույց տվեց իր բնակարանը կամ, ավելի ճիշտ, իր սենյակը, որովհետև պարոն Մացերատը այն բնակիչներից վարձով էր վերցրել։ Սկզբում դա մի խղճուկ սենյակ է եղել, անցյալում՝ լոգասենյակ, ավելի ուշ, երբ թմբկահարի արվեստը նրան ճանաչում ու բարեկեցություն բերեց, նա հավելյալ գումար վճարեց առանց պատուհանի կացարանի համար, որը քույր Դորոթեայի կացարան էր անվանում, հետո նա պատրաստակամություն հայտնեց վճարել նաև երրորդ սենյակի համար, որը նախկինում զբաղեցնում էր երաժիշտ ու մեղադրյալի գործընկեր ոմն պարոն Մյունցեր, ընդ որում՝ վճարել մեծ գումար, քանզի հիմնական վարձկալը՝ պարոն Ցայդլերը, իմանալով պարոն Մացերատի ունևորության մասին, անղխճորեն գինը բարձրացրեց։
 +
 +
Այսպես կոչված քույր Դորոթեայի սենյակում մեղադրյալը ինձ համար անակնկալ էր պատրաստել․հայելիով լվացարանի սեղանի մարմարյա հարթակի վրա պահածոյացման համար բանկա էր դրված, մոտավորապես այնպիսի չափսերի, որպիսիք օգտագործում է իմ մայր Ալիսա ֆոն Վիտլարը մեր դրախտային խնձորներից խնձորի պովիդլո փակելու համար։ Պարոն Մացերատի բանկան, սակայն, սպիրտի մեջ լող տվող մատնեմատ էր պարունակում։ Մեղադրյալը հպարտորեն ինձ մի քանի հաստափոր գիտական գրքեր ցույց տվեց, որոնցով նա ղեկավարվել էր մատի պահածոյացման ժամանակ։ Ես այդ գրքերը ընդամենը թռուցիկ թերթեցի, լուսանկարների վրա հայացքս գրեթե չսևեռեցի, խոստովանեցի, սակայն, որ մեղադրյալին լիովին հաջողվել էր պահպանել մատի բնական տեսքը, և ընդհանրապես հայելու ֆոնի վրա բանկան իր պարունակությամբ շատ հաճելի էր նայվում և իրենից հետաքրքիր դեկորատիվ լուծում էր ներկայացնում, ինչ ես, որպես արհեստավարժ ձևավովորղ, չէի կարող չխոստովանել։
 +
 +
Նկատելով, որ ես ընտելացել եմ ապակե բանկայի տեսքին մեղադրյալը ինձ տեղեկացրեց, որ երբեմն այդ բանկայի վրա աղոթում է։ Հետաքրքրասիրությամբ լցված, սակայն միևնույն ժամանակ որոշակի հանդգնությամբ, ես անմիջապես խնդրեցի նրան ինձ նման աղոթքի նմուշ ցույց տալ։ Նա, իր հերթին, ինձանից փոխադարձ ծառայություն խնդրեց․ ինձ թուղթ ու մատիտ տվեց ու պահանջեց, որպեսզի ես գրի առնեմ այդ աղոթքը, որպեսզի ես այդ մատի առթիվ հարցեր տամ, իսկ նա իր ուժերը ներածի չափով պատասխանի աղոթքով։
 +
 +
Այստեղ ես իմ ցուցմունքներին կից ներկայացնում եմ մեղադրյալի խոսքերը, իմ հարցերը, նրա պատասխանները, ապակե բանկայի աստվածացումը․ և այսպես, ես խոնարհ ողջունում եմ։ Ո՞վ ես դու։ Օսկարն եմ թե ես։ Ես բարեվայելուչ եմ, Օսկարը՝ ցրված։ Անդադար հավատարմություն և պետք չէ վախենալ շրջադարձից։ Օսկարը՝ լրջմիտ, քանզի լի է հիշողություններով։ Ես՝ սառը, տաք, ջերմ։ Մեղավոր եմ՝ հարձուփորձի ժամանակ։ Անմեղ եմ՝  առանց հարցուփորձի։ Մեղավոր եմ այն պատճառով, որ հանցագործություն եմ կատարել, որովհետև մեղավոր եմ դարձել, չնայած նրան հեռացրեցի ինձանից, մեղք գործեցի բառով, մեղավոր լռեցի, չեմ ասում, չեմ լռում, ծնկի եմ գալիս։ Աղոթք եմ անում։ Բանկային։ Ինչպիսի՞ բանկայի։ Պահածոյացման համար բանկայի։ Ի՞նչ է պահածոյացնում բանկան։ Պահածոյացման համար բանկան  մատ է պահածոյացնում։ Դա ի՞նչ մատ է։ Մատնեմատ։ Ո՞ւմ մատն է։ Շիկամազի։ Ի՞նչ շիկամազ։ Միջին հասակի՝ դա նշանակում է մեկ մետր վաթսուներեք։ Հատուկ նշաննե՞ր։ Խալ։ Խալ որտե՞ղ։ Ուսը, ներսի կողմից։ Ա՞ջը, ձա՞խը։ Աջը։ Մատնեմատը ո՞ր կողմինն է։ Ձախ։ Նշանվա՞ծ է։ Այո, բայց ամուսնացած չէ։ Հավա՞տքը։ Ռեֆորմատական։ Կո՞ւս է։ Կույս է։ Ե՞րբ է ծնվել։ Չգիտեմ։ Որտե՞ղ։ Հաննովերի մոտակայքում։ Ե՞րբ։ Դեկտեմբերին։ Աղեղնավո՞ր է, թե՞ Այծեղջույր։ Աղեղնավոր։ Իսկ բնավորությո՞ւնը։ Ամոթխած։ Բարյացակա՞մ է։ Ջանասեր է, շատախոս։ Բարեպա՞շտ է։ Խնայող է, սթափ և ուրախ։ Ամոթխա՞ծ է։ Սիրում է քաղցրավենիքներ, անկեղծ է ու աստվածավախ։ Գունատ է, ամեն ինչից ավել երազում է ճանապարհորդուոթյունների մասին։ Դաշտանը կանոնավոր չէ, թույլ է, հաճույքով տառապում է և այդ մասին խոսում։ Անձամբ պասիվ է, նախաձեռնող չե, սպասում է, թե ինչ է լինելու, լավ է լսում, գլուխը ի նշան հավանության շարժում է, ձեռքերը ծալում է, երբ խոսում է, իջեցնում է աչքերը, երբ խոսում ես նրա հետ, դրանք լայնորեն բացում է, բաց շագանակագույն բիբին մոտ դարչնագույնի խառնուրդով, մատանին նվեր է ստացել ղեկավարից, ղեկավարն ամուսնացած է, սկզբում չէր ուզում վերցնել, վերցրեց, սարսափելի դեպք, կոկոսե մանրաթելեր, սատանա, շատ սպիտակ գույն, դուրս եկավ, տեղափոխվեց, վերադարձավ, չկարողացավ բաժանվել, խանդը ևս, սակայն առանց հիմքերի, հիվանդություն, սակայն ոչ ինքնըստինքյան, ոչ, ոչ, չգիտեմ, չեմ ուզում, կապույտ տերեփուկներ էր հավաքում, եկավ, ոչ, ուղեկցեց սկզբից և ևեթ, այլևս չի կարող․․․ Ամմե՞ն։ Ամմեն։
 +
 +
Ես՝ Գոթֆրիդ ֆոն Վիտլարս, դատարանում իմ ցուցմունքներին միայն այն պատճառով եմ ավելացնում իմ կողմից գրված այս աղոթքը, որ, չնայած նրա արտաքին ողջ քաոսայնությանը, մատնեմատի տիրոջ մասին տեղեկությունները մեծ մասամբ համընկնում են սպանվածի, քույր Դորոթեա Կենգեթերի մասին դատարանի նյութերի հետ։ Իմ խնդիրների մեջ չի մտնում այստեղ կասկածի տակ առնել մեղադրյալի ցուցմունքներն այն մասին, որ նա չի սպանել քրոջը, և, ընդհանրապես, երբևիցե նրան սեփական աչքերով չի տեսել։
 +
 +
Ուշագրավ է և, ինչպես մինչ օրս ինձ է ներկայանում, ի օգուտ մեղադրյալի է խոսում այն ինքնամոռացությունը, որով իմ ընկերն աթոռի դիմաց ծնկի էր իջել, ուր նա դրել էր պահածոյացման համար բանկան և այդ ընթացքում մշակում էր թմբուկը՝ այն ծնկների միջև սեղմած։
 +
 +
Ավելի քան մեկ տարվա ընթացքում ինձ էլ մեկ անգամ չէ, որ վիճակվել է հետևել, թե ինչպես է մեղադրյալը աղոթում ու թմբկահարում, քանզի շռայլ ապրուստի միջոց տալով, նա ինձ դարձրեց իր ընկերակիցը, համերգային շրջագայությունների ժամանակ, որոնք նա երկարատև ժամանակով ընդհատեց, վերցնում էր իր հետ, սակայն մատնեմատի հայտնաբերումից քիչ ժամանակ անց կրկին վերսկսեց։ Մենք շրջագայեցինք ողջ Արևմտյան Գերմանիայով մեկ, մենք հրավերքներ ունեինք նաև Արևելյան գոտի ու արտասահմանյան երկրներ։ Սակայն պարոն Մացերատը գերադասում էր մնալ երկրի սահմաններում, իր սեփական խոսքերով, չէր ցանկանում ընկնել սովորական համերգային ջրապտույտի մեջ։ Մինչև համերգի սկիզբը նա ոչ մի անգամ բանկայի առջև չէր աղոթում ու չէր թմբկահարում։ Միայն ելույթից ու երկարատև ընթրիքից հետո էինք մենք վերադառնում նրա համարը, և այստեղ նա թմբկահարում էր, և այստեղ նա աղոթում էր, ես հարցեր էի տալիս ու գրի էի առնում, ինչից հետո մենք ներկայիս աղոթքը համեմատում էինք նախորդ օրերի ու շաբաթների աղոթքների հետ։ Ճիշտ է, աղոթքները պահպանվում էին երկար ու կարճ տարբերակներով։ Դրան ավելացրած, երբեմն բառերն ընկնում էին մեկը մյուսի վրա, այն դեպքում, երբ հաջորդ օրը նրանք թափվում էին գրեթե շոշափելի ու երկարաձիգ։ Սակայն իմ կողմից նման ձևով հավաքված բոլոր աղոթքները, որոնք ես պատիվ ունեմ ներկայացնելու բարձր դատարանին, մանրամասներ չեն պարունակում, քան այն առաջին արձանագրվածը, որը ես կցել եմ իմ ցուցմունքներին։
 +
 +
Այս տարվա շրջագայության ընթացքում ես հարևանցիորեն, մյուս համերգային շրջագայությունների միջև, ծանոթացա պարոն Մացերատի որոշ ընկերների ու ազգականների հետ։ Այսպես, օրինակ, նա ներկայացրեց ինձ իր խորթ մորը, տիկին Մարիա Մացերատին, որին մեղադրյալը բարձր, չնայծ և զուսպ, մեծարում է։ Այդ նույն օրն ինձ ողջունեց նաև մեղադրյալի խորթ եղբայր Կուրտ Մացերատը՝ տասնմեկամյա, լավ դաստիարակված գիմնազիստը։ Տիկին Մարիա Մացերատի քույրը, տիկին Հուստա Քյոստները, ինձ վրա նույնպես լիովին դրական տպավորություն թողեց։ Ինչպես ինձ խոստովանեց մեղադրյալը՝ ետպատերազմական առաջին տարիներին նրա ընտանեկան հարաբերություններն այնքան էլ հարթ չէին ընթանում, սակայն այն բանից հետո, երբ պարոն Մացերատն իր փողերով խորթ մոր համար նրբախորտիկների մեծ խանութ ձեռք բերեց, որտեղ այլոց թվում նաև հարավային մրգեր էին վաճառվում, և հետագայում էլ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում, եթե խանութը դժվարությունների առջև էր կանգնում, խորթ մոր ու խորթ զավակի միջև լիովին բարեկամական հարաբերություններ ձևավորվեցին։
 +
 +
Պարոն Մացերատը ինձ ծանոթացրեց նաև իր որոշ նախկին գործընկերների, առավելապես ջազ նվագողների հետ, որքան էլ որ ջանում էր իմ առջև ուրախ և մարդամոտ երևալ պարոն Մյունցերը, որին պարոն Մացերատը մտերմաբար Կլեփ էր անվանում, ես մինչ օրս էլ իմ մեջ ոչ համարձակություն և ոչ էլ ցանկություն եմ գտել, որպեսզի նրա հետ շարունակեմ պահպանել իմ շփումները։
 +
 +
Չնայած մեղադրյալի մեծահոգության շնորիհիվ ես որպես ձևավարող աշխատելու անհրաժեշտություն չեմ ունեցել, ես զուտ գործի հանդեպ սիրուց, հենց որ մենք վերադառնում էինք հերթական համերգային շրջագայությունից, համաձայնվում էի մի քանի ցուցափեղկ ձևավորել։ Մեղադրյալը ընկերական ձևով հետաքրքրվում էր իմ աշխատանքով, հաճախ ուշ գիշերին կանգնում էր փողոցում ու դառնում էր իմ համեստ արվեստի ուշադիր հանդիսատեսը։ Երբեմն աշխատանքն ավարտելուց հետո մենք էլի մի փոքրիկ զբոսանք էինք նախաձեռնում գիշերային Դյուսելդորֆում, սակայն ոչ Հին քաղաքի սահմաններում, քանզի մեղադրյալը տանել չի կարողանում հին գերմանական ոգով պանդոկների հաստացրած ապակիներն ու ցուցանակները։ Եվ ահա մի անգամ (այստեղ ես մոտենում եմ իմ ցուցմունքների վերջին մասին) Ունտերատով կեսգիշերային զբոսանքը մեզ բերեց տրամվայների հավաքակայանի մոտ։
 +
 +
Մենք կանգնել էինք լիակատար համաձայնության մեջ՝ ուղեկցելով ըստ չվացուցակի հավաքակայան մուտք գործող վերջին տրամվայը։ Դա գեղեցիկ տեսարան է։ Մեր շուրջը մութ քաղաքն է, հեռվում, քանի որ օրն ուրբաթ է, շինարարության կողմից կոկորդով մեկ գոռում է հարբած բանվորը։ Մնացածում լռություն է, քանզի դեպո վերադարձող վերջին տրամվայը, նույնիսկ երբ նա զանգ է տալիս ու ստիպում է, որպեսզի կլորացված ռելսերն էլ ձայն արձակեն, աղմուկ չի առաջանում։ Մեծ մասը միանգամից մտնում է հավաքակայան։ Սակայն որոշները շարունակում են մեկ այստեղ, մեկ այնտեղ դատարկ, տոնական ձևով լուսավորված, կանգնել ռելսերի վրա։ Իսկ ո՞ւմ գաղափարն էր դա։ Դա մեր ընդհանուր գաղափարն էր։ Սակայն ես արտահայտեցի այն։ «Դե, սիրելի ընկեր, իսկ ի՞նչ կասես, եթե․․․»։ Պարոն Մացերատը գլխով արեց, մենք առանց շտապելու մտանք ներս, ես տեղավորվեցի մեքենավարի խցիկում և անմիջապես ընտելացա նրան, մեղմորեն շարժվեցի տեղից, արագ արագություն հավաքեցի, մի խոսքով, ինձ դրսևորեցի որպես լավ մեքենավար, ինչի առիթով պարոն Մացերատը, երբ պայծառ լուսավորված հավաքակայանն արդեն մնացել էր ետևում, ընկերաբար արտաբերեց հետևյալ բառերը․ «Պարզ է, Գոթֆրիդ, որ դու կնքված կաթոլիկ ես, այլապես չէիր կարողանա այսքան հմտորեն տրամվայ վարել»։
 +
 +
Եվ, իսկապես, այդ պատահական զբաղմունքը ինձ անսպառ քանակության ուրախություն պատճառեց։ Դատելով ամեն ինչից, հավաքակայանում նույնիսկ չնկատեցին մեր մեկնումը, որովհետև ոչ ոք մեզ չէր հետապնդում, մեզ կարելի էր հեշտությամբ կանգնեցնել նաև հոսանքն անջատելու միջոցով։ Ես վագոնը վարում էի  Ֆլինգերնի ուղղությամբ, այնուհետև Ֆլինգերնի միջով և, արդեն մոտավոր հաշվիվ էի անում, կամ այն է՝ Հանիելի մոտից թեքվեմ դեպի ձախ, կամ այն է՝ բարձրանամ դեպի Ռաթա, դեպի Ռաթնգեն, երբ պարոն Մացերատը ինձ խնդրեց թեքվել Գրաֆենբերգի ու Գերեսհայմի կողմը։ Չնայած «Առյուծի ամրոց» հաստատության դիմացի կտրուկ վերելքն ինձ անհանգստություն էր ներշնչում, ես կատարեցի մեղադրյալի խնդրանքը, վերելքը հաղթահարեցի, պարասրահն արդեն մնում էր ետևում, երբ ստիպված եղա կտրուկ արգելակել, որովհետև գծերի վրա կանգնած էին երեք մարդ և ավելի շուտ պահանջում, քան խնդրում էին ինձ կանգնել։
 +
 +
Հանիելը անցնելուց քիչ ժամանակ անց պարոն Մացերատը գնացել էր դեպի վագոնի խորքը, որպեսզի սիգարետ ծխի։ Եվ ես ստիպված էի մեքենավարի կարգավիճակով գոռալ, «Խնդրում եմ նստել»։ Ես նկատեցի, որ նրանցից երրորդը՝ առանց գլխարկի մարդը, որին մնացած, սև ժապավեններով, կանաչ գլխարկներով երկուսը, երկու կողմերից սեղմելով, պահում էին մեջտեղում, բարձրանալու ժամանակ ոչ այն է՝ անզգուշության պատճառով, ոչ այն է՝ վատ տեսողության, ոտքը մի քանի անգամ դրեց ոտնատեղից հեռու։ Ուղեկցողները կամ պահապանները բավական կոպիտ ձևով օգնեցին նրան բարձրանալ առջևի հարթակ, իսկ այնտեղից անցնել դեպի վագոն։
 +
 +
Ես արդեն շարժվել էի տեղից, երբ վագոնի ներսից սկզբում աղեկտուր կաղկանձ լսեցի, հետո այնպիսի ձայն, կարծես ինչ֊որ մեկը ապտակներ է հասցնում, հետո, ի հանգստություն ինձ, պարոն Մացերատի վճռական ձայնը, որը հանդիմանում էր նստածներին և կոչ էր անում նրանց չհարվածել վիրավոր, կիսակույր մարդուն, որն իր ակնոցից զրկաված տառապում է։
 +
 +
― Ուրիշի գործերի մեջ մի խցկվեք, ― բղավեց կանաչ գլխարկներից մեկը։ ― Նա այսօր դեռ կտեսնի, թե ինչն ինչոց է։ Առանց այն էլ պատմությունը չափից դուրս երկարեց։
 +
 +
Մինչ ես դանդաղ գնում էի Գերեսհայմով, իմ ընկերը՝ պարոն Մացերատը, ցանկացավ իմանալ, թե ինչ հանցագործություն է կատարել այդ խեղճ կիսակույր մարդը։ Եվ խոսակցությունն անմիջապես ծայրաստիճան տարօրինակ ընթացք ստացավ․ երկու֊երեք բառից հետո մենք հայտնվեցինք պատերազմի բովում, ավելի ստույգ ասած, ամեն ինչ տեղի էր ունեցել հազար ինը հարյուր երեսունինը թվի սեպտեմբերի մեկին։ Պատերազմի սկիզբը, կիսակույրին անվանեցին պարտիզան, որը մասնակցել է Լեհական փոստատան անօրինական պաշտպանությանը։ Որքան էլ տարօրինակ է, սակայն պարոն Մացերատը, որն այդ ժամանակ տասնհինգ տարեկան էր, պարզվեց, որ լիովին տեղեկացված է, ճանաչեց կիսակույրին, ասաց, որ դա Վիկտոր Վելունն է, փողային փոխանցումների խեղճ կույր առաքողը, որը ռազմական գործողությունների ժամանակ կորցրեց ակնոցը, փախավ առանց ակնոցի, դուրս պրծավ դահիճների ձեռքից։ Սակայն վերջիններս մինչև պատերազմի ավարտը շարունակեցին նրան հետապնդել, նույնիսկ երեսունինը թվով թվագրված փաստաթուղթ ներկայացրեցին, և դա գնդակահարության մասին հրաման էր։ Ի վերջո նրանք բռնեցին նրան, նրանցից մեկը, որը կանաչ գլխարկով էր, գոռաց, իսկ երկրորդը հայտարարեց, որ ինքը շատ ուրախ է, այժմ ի վերջո կարելի է վերջ դնել այս ողջ պատմությանը։ Ողջ ազատ ժամանակը, նույնիսկ արձակուրդը, նա վատնել է այն բանի վրա, որպեսզի ի կատար ածի հազար ինը հարյուր երեսունինը թվի գնդակահարության մասին հրամանը․ վերջիվերջո, նա այլ մասնագիտություն էլ ունի՝ շրջիկ մանր առևվտրական է, իսկ ընկերը՝ արևելքից փախստական, և նա ևս ունի իր խնդիրները, նա ստիպված է ամեն ինչ սկսել զրոյից․ արևելքում նա բարգավաճող դերձակի արհեստանոց ուներ, սակայն այժմ վերջ, բավական է, այս գիշեր հրամանը ի կատար կածվի և հնարավոր կլինի անցյալին վերջ դնել՝ ինչպիսի երջանկություն է, որ մենք հասանք վերջին տրամվային։
 +
 +
Այդպես ես կամքիս հակառակ վերածվեցի վագոնավարի, որը Գերեսհայմ է տանում մի մահվան դատապարտվածի և գնդակահարության մասին հրամանով երկու դահիճների։ Արվարձանի դատարկ, փոքր֊ինչ թեք շուկայի հրապարակում ես թեքվեցի աջ, ուզում էի վագոնը հասնցել մինչև ապակու գործարանի մոտի վերջին կանգառը, այնտեղ կանաչ գլխարկներին ու կիսակույր Վիկտորին իջեցնել, ինչից հետո իմ ընկերոջ հետ գնալ տուն։ Վերջինից երեք կանգառ առաջ պարոն Մացերատը լքեց վագոնը և մոտավորապես այն տեղում, որտեղ արհեստավարժ մեքենավարները դնում են իրենց բուտերբրոտներով թիթեղյա տուփերը, դրեց իր պորտֆելը, որի մեջ, ինչպես ինձ հայտնի էր, գտնվում էր մատով բանկան։
 +
 +
― Մենք պետք է փրկենք նրան, չէ՞ որ սա Վիկտորն է, խեղճ Վիկտորը։ ― Պարոն Մացերատը ակնհայտորեն անհանգստացած էր։ ― Սակայն մինչ օրս այդպես էլ իրեն համապատասխան ակնոց չի ընտրել, նա շատ կարճատես է, նրան կգնդակահարեն, իսկ նա այլ կողմ կնայի։
 +
 +
Ես կարծում էի, թե դահիճներն անզեն են, սակայն պարոն Մացերատը նկատել էր երկու կանաչ գկխարկավորների վերարկուների ուռուցիկությունը։
 +
 +
Նա Դանցիգում Լեհական փոստատնից փողային փոխանցումներ էր առաքում։ Այժմ նա նույն բանը անում է Դաշնային փոատատանը։ Սակայն աշխատանքային օրն ավարտելուց հետո նրանք հետապնդում են նրան, քանի որ ոչ ոք չի վերացրել։
 +
 +
Չնայած լրիվ չհասկացա պարոն Մացերատի խոսքերը, ես, սակայն, նրան խոստացա գնդակահարության ժամանակ նրա հետ մեկտեղ ներկա լինել, իսկ եթե հաջողվի, ապա նաև խանգարել գնդակահարությանը։
 +
 +
Ապակու գործարանի ետևում, ուղիղ այգեգործական հողակտորների դիմաց, ես լուսնի լույսի տակ արդեն տեսել էի իմ տատիկի հենց այն խնձորներով հողակտորը, ես արգելակեցի և դեպի տրամվայի խորքը գոռացի․ «Վերջին կանգառը, խնդրում ենք ազատել վագոնը»։
 +
 +
Նրանք անմիջապես էլ հայտնվեցին սև ժապավեններով կանաչ գլխարկներով, և կրկին կիսակույրից մեծ ջանքեր պահանջվեց ոտքը ոտնակի վրա դնելու համար։ Այնուհետև պարոն Մացերատը նույնպես իջավ, պիջակի տակից հանեց թմբուկը, իսկ իջնելիս ինձ խնդրեց վերցնել իր բանկայով պորտֆելը։
 +
 +
Մենք լքեցինք դեռ երկար ժամանակ մեզ լույս տվող վագոնը և քայլեցինք դահիճների հետքերով, հետևաբար՝ նրանց զոհի ետևից։
 +
 +
Մենք գնում էինք այգիների ցանկապատների երկայնքով։ Դա ինձ հոգնեցնում էր։ Երբ մեր առջևից գնացող երեքը կանգնեցին, ես նկատեցի, որ որպես գնդակահարելու տեղ՝ նրանք ընտրել են հենց իմ մայրիկի հողակտորը։ Բողոք հայտնեց ոչ միայն պարոն Մացերատը, բողոք հայտնեցի նաև ես։ Նրանք մեր բողոքների վրա ոչ մի ուշադրություն չդարձրեցին, առանց այն էլ թեքված ցանկապատը տապալեցին, կիսկույր մարդուն, որին պարոն Մացերատը խեղճ Վիկտոր անվանեց, կապեցին խնձորենուց, հենց իմ երկփեղկվածության ներքևում և կրկին գրպանի լապտերների լույսի տակ մեզ ներկայացրեցին գնդակահարության մասին ճմռթված հրամանը, որը ստորագրված էր ռազմադաշտային դատարանի տեսուչ Զալևսկու կողմից։ Որքանով հիշում եմ, ստորագրությունն արվել էր Սոպոտում՝ հազար ինը հարյուր երեսունինը թվի հոկտեմբերի հինգին, կնիքները վավեր էին, մի խոսքով, այստեղ հնարավոր չէր ոչինչ անել, սակայն այնուհանդերձ մենք սկսեցինք խոսել Միացյալ Ազգերի Կազմակերպության, ժողովրդավարության, կոլեկտիվ մեղքի, Ադենաուերի և նման բաների մասին։ Սակայն կանաչ գլխարկներից մեկը արհամարհեց մեր բոլոր առարկությունները՝ ասելով, որպեսզի մենք չխցկվենք ուրիշի գործերի մեջ, որ  մինչ օրս դեռ խաղաղության պայմանագիր չկա, որ ինքը, ինչպես և մենք երկուսս, իր ձայնը տալիս է Ադենաուերին, իսկ հրամանը՝ դե, հրամանը մնում է ուժի մեջ, նրանք այդ թղթով եղել են ամենաբարձր ատյաններում, նրանք ամենուր խորհրդատվություն են ստացել, նրանք միայն իրենց պարտքն են կատարում, իրենց անիծյալ պարտքը, և ավելի լավ է մենք մեր ճանապարհով գնանք։
 +
 +
Սակայն մենք մեր ճանապարհով չհեռացանք, ավելին, երբ կանաչ գլխարկներն արձակեցին իրենց անջրանցիկ վերարկուները և դուրս հանեցին իրենց ինքնաձիգները, պարոն Մացերատը իր թմբուկը հարմարեցրեց և հենց այդ վայրկյանին լուսինը ճեղքելով դուրս եկավ ամպերի շարանի միջից, նրա եզրերը բոցավառվում էին մետաղական փայլով, ինչպես պահածո տուփի ատամնավոր եզրը, և հենց այդպիսի, բայց վնասված թիթեղի վրա պարոն Մացերատը սկսեց փայտիկներով թմբկահարել, թմբկահարում էր հուսահատ, և ձայնը ստացվում էր անսովոր, սակայն միևնույն ժամանակ ինչ֊որ բանով ծանոթ։ Հաճախ կրկին ու կրկին արձագանքի պես հնչում էր․ կործանվել է, չի կործանվել, դեռ չի կործանվել, Լեհաստանը դեռ չի կործանվել։ Սակայն դա արդեն պարոն Մացերատի թմբուկը չէր, դա խեղճ Վիկտորի ձայնն էր, որն այդ երգի բառերը գիտեր․ «Լեհաստանը կործանված չէ, քանի դեռ ողջ ենք մենք»։ Դատելով ամեն ինչից՝ կանաչ գլխարկներին նույնպես ծանոթ էր այդ ռիթմը, քանզի նրանք կուչ եկան լուսնի կողմից լուսավորվող իրենց մետաղական ուցենցվածքների ետևում։ Չէ որ քայլերգը, որին իմ մայրիկի այգում ստիպեցին հնչել պարոն Մացերատն ու խեղճ Վիկտորը, նախաբեմ դուրս բերեց լեհական հեծելազորին։ Միգուցե լուսինն էլ էր այդտեղ օգնում, միգուցե թմբուկը, լուսինը և կարճատես Վիկտորի դյուրաբեկ ձայնը միացյալ ջանքերով գետնի տակից դուրս կանչեցին թամբած ձիերով արշավող այդքան մարդկանց․ դղրդում էին սմբակները, փնչացնում էին ռունգերը, շառաչում էին խթանները, խրխրնջում էին հովատակները, հուսսա՜ ու հեյսսա՜․․․ սակայն ոչ, ոչ մի նման բան։ Ոչինչ չէր շառաչում, չէր փնչում, չէր դղրդում, չէր խրխնջում, «հուսսա՜» չէր գոռում, «հեյսսա» չէր գոռում, այլ ընդամենը անձայն սահում էր Գերեսհայմի ետևի հնձած դաշտերի  վրայով, այնուամենայնիվ, նաև կար լեհական զինվորների հեծելավաշտը, քանզի պարոն Մացերատի թմբուկի նման սպիտակակարմիր պատվադրոշները ցնցվում էին նիզակների ծայրերին, ոչ, չէին ցնցվում, այլ ինչպես ողջ հեծելավաշտը, լողում էին լուսնի տակ, միգուցե լուսնի վրայից իջած, լողում էին ու թեքվում դեպի ձախ, որտեղ մեր հողակտորն էր գտնվում, լողում էին, ու թվում էր, թե ո՛չ միս են, ո՛չ արյուն, բայցևայնպես, լողում էին ինքնաշենները, որոնք նման էին խաղալիքների, որոնք իրականում ուրվականներ էին, միգուցե նման էին այն ձեռագործին, որն առասանակից հյուսում է պարոն Մացերատի հիվանդապահը, առասանակից գործված լեհական հեծելազորը, անձայն և, այնուհանդերձ, սմբակներով դղդրդացնելով, անմարմին, անարյուն և, այնուամենայնիվ, լեհական սանձը թողած, թռչում էր ուղիղ մեզ վրա, և մենք ընկանք գետնին, ենթարկվեցինք լուսնին ու լեհական հեծելազորին։ Իմ մայրիկի հողակտորի միջով, հոգածությամբ խնամված հողակտորների միջով նրանք սլացան, միայն իրենց հետ վերցրեցին խեղճ Վիկտորին, ինչպես նաև երկու դահիճներին։ Անհետացան բաց հարթավայրում, լուսնի տակ, կործանվեցին, դեռ չկործանվեցին, դեմքով՝ դեպի արևելք, դեպի Լեհաստան, լուսնի ետևում։
 +
 +
Մենք, ծանր շնչելով, սպասում էինք, մինչև գիշերը կրկին ամայանա, մինչև երկինքը կրկին փակվի տանելով այն լույսը, որը կարող էր ընդամենը մեկ ակնթարթ հարձակման դրդել վաղուց կործանված հեծելազորին։ Առաջինը ես ոտքի կանգնեցի և, ընդ որում, ամենևին չնվազեցնելով այն դերը, որը խաղաց լուսնի լույսը, մեծ հաջողության առթիվ շնորհավորեցի պարոն Մացերտաին։
 +
 +
Վերջինս միայն հոգնած ու ճնշված թափ տվեց ձեռքը․
 +
 +
― Հաջողությո՞ւն, սիրելի Գոթֆրիդ։ Կյանքում ինձ չափից շատ հաջողություն է բաժին հասել։ Ես կնախընտրեի գոնե մեկ անգամ բավարարվել առանց դրա։ Սակայն դա շատ դժվար է ու մեծ ջանքեր է պահանջում։
 +
 +
Ինձ դուր չեկան նրա խոսքերը, որովհետև անձամբ ես ջանասեր մարդկանց ցեղից եմ, սակայն այդպես էլ հաջողություն չունեմ։ Պարոն Մացերատը ինձ թվաց անշնորհակալ, և ես սկսեցի բարձրաձայն նրան կշտամբել․
 +
 +
― Դու մեծամիտ ես դարձել, Օսկար, ― ես ինձ թույլ տվեցի սկսել այդպես, որովհետև այդ ժամանակ արդեն մենք իրար «դու»֊ով էինք դիմում։ ― Բոլոր թերթերը գոռում են քո մասին։ Դու գովազդել ես քո անունը։ Ես փողի մասին չեմ էլ խոսում։ Եվ դու կարծում ես, որ ինձ համար, որի անունը ոչ մի թերթ չի հիշատակում, հեշտ է քեզ՝ գլխիդ պսակ դրվածի հետ կողք կողքի դռնեդուռ ընկնել։ Որքան ես կցանկանայի գոնե մեկ անգամ այնպիսի արարք գործել, որպիսին հենց նոր կատարեցիր դու, իր ձևի մեջ միակը, ընդ որում՝ մեն֊մենակ, կատարել ու հայտնվել թերթերի էջերում, որպեսզի այնտեղ մեծ տառերով տպեն․ դա Գոթֆրիդ ֆոն Վիտլյարն է արել։
 +
 +
Պարոն Մացերատի քրքիջն ինձ վիրավորեց։ Նա պառկել էր մեջքի վրա, իր կուզը թաղել էր փափուկ հողի մեջ, երկու ձեռքով պոկում էր խոտերը, խրձիկները բարձր օդ էր նետում ու ծիծաղում էր, ինչպես անմարդկային Աստվածը, որն ամեն ինչ կարող է։
 +
 +
― Իմ ընկեր, ախր դրանից ավելի հեշտ բան չկա։ Ահա իմ պորտֆելը։ Այն հրաշքով չընկավ լեհական հեծելազորի սմբակների տակ։ Այն նվիրում եմ քեզ, զուր չէ, որ այնտեղ է գտնվում մատնեմատով բանկան։ Վերցրու այդ բոլորը, արագ վազիր Գերեսհայմ, այնտեղ դեռևս կանգնած է լուսավորված վագոնը, մտիր, բարձրացիր նրա մեջ և քո նվերի հետ միասին ուղևորվիր Ֆյուրթենվալի կողմը, ամենակարճ ճանապարհով դեպի ոստիականություն։ Այնտեղ հայտարարություն արա, և արդեն վաղը դու քո անունը կտեսնես բոլոր թերթերում։ Սկզբում ես չէի ուզում ընդունել այդ առաջարկը, քանի որ նա ամենայն հավանականությամբ չի կարող ապրել առանց իր մատով բանկայի, սակայն նա ինձ հանձնարարեց՝ պատասխանելով, որ մատի հետ կապված այս ամբողջ պատմությունը իրեն բավականաչափ զզվեցրել է, իսկ դրան գումարած, նա մի քանի գիպսե ծեփապատճեններ ունի, դրանից բացի, նրա պատվերով նրա համար ևս մեկ հատ ձուլել են ոսկուց, այնպես որ ես ի վերջո պետք է վերցնեմ պորտֆելը, գտնեմ մեր կողմից թողած տրամվայի վագոնը, դրանով մեկնեմ ոստիկանություն և անեմ իմ հայտարարությունը։
 +
 +
Ես վազեցի և դեռ երկար ժամանակ իմ թիկունքում լսում էի պարոն Մացերատի ծիծաղը, քանզի նա մնաց նախկին տեղում պառկած, ուզում էր, մինչ ես զնգնզգացնելով վերադառնում էի քաղաք, փնջերով խոտեր պոկել ու ծիծաղել՝ գիշերվա իշխանությանը տրվելու համար։ Իսկ հայտարարությունը․․․ ես այն արեցի միայն առավոտյան, պարոն Մացերատի բարության շնորհիվ իմ անունը հասավ մինչև թերթերի էջերը։
 +
 +
Սակայն ես՝ Օսկարս, նույն ինքը ամենաբարի պարոն Մացերատս, ծիծաղելով պառկել էի Գերեսհայմի ետևի գիշերային սև խոտերի վրա, ծիծաղելով գլորվում էի մահացու լուրջ, նոսր աստղերի տակ, իմ կուզը թաղում էի հողի ջերմ թագավորության մեջ, ինքս ինձ ասում էի՝ քնիր, Օսկար, ևս մեկ ժամվա չափ քնիր, քանի դեռ չի արթնացել ոստիկանությունը։ Քեզ այլևս բախտ չի վիճակվի այսքան ազատ պառկել լուսնի տակ։
 +
 +
Իսկ արթնանալով, նախքան կհասկանայի, որ լույսը բացվել է, ես նկատեցի, թե ինչպես ինչ֊որ բան, թե ինչպես ինչ֊որ մեկը լպստում է իմ դեմքը, ջերմ, կոպտամաշկ, հավասարաչափ խոնավ։
 +
 +
Հազիվ թե ոստիկանությունը, որին ոտքի է հանել Վիտլարը, հասել է այստեղ ու լպստում է ինձ, որպեսզի նման ձևով արթնացնի։ Եվ, այնուամենայնիվ, անմիջապես չբացեցի աչքերս, թույլ տվեցի, որ ինչ֊որ մեկը, կամ ինչ֊որ բան էլի մի քիչ ինձ ջերմորեն, կոպիտ մաշկով հավասարաչափ, խոնավ լպստի, հաճույք էի ստանում, լպստոցից ու չէի փորձում իմանալ, թե ով է դա անում՝ ոստիկանությո՞ւնը, ենթադրում էր Օսկարը, թե՞ կովը։ Միայն հետո ես բացեցի իմ երկնագույն աչքերը։
 +
 +
Նա բծավոր էր, սև֊սպիտակ, նա պառկած էր իմ կողքին, շնչում ու լպստում էր ինձ, մինչև որ ես բացեցի աչքերս։ Չորս կողմը լուսավոր օր էր, փոփոխական ամպամածություն, և այդ ժամանակ ես ինձ ասացի՝ Օսկար, ժամանակ մի կորցրու այս կովի կողքին, որքան էլ նա երկնային աչքերով է նայում քեզ, որքան էլ կոշտ լեզվով ջանասիրաբար հանգստացնում ու կարճացնում է քո հիշողությունը։ Դրսում առավոտ է, ճանճերը դզզում են, ժամանակն է, որ դու նախապատրաստվես փախուստի։ Վիտլարը քեզ կմատնի, հետևաբար, քեզ հարկավոր է փախչել։ Առանց թաքնվելու լուրջ փորձի լուրջ ցուցմունքները ոչինչ չարժեն։ Թող կովը բառաչի, իսկ դու փախիր։ Միևնույն է, նրանք քեզ կորսան, եթե ոչ այստեղ, ապա այնտեղ, սակայն դա արդեն քո հոգսը չէ։
 +
 +
Եվ այսպես, ես կովի կողմից լպստված, լվացված ու սանրված, սկսեցի իմ փախուստը, սակայն փախստականի կարգավիճակով ընդամենը մի քանի քայլ անելուց հետո բռնկվեցի առավոտվա նման զրնգուն ծիծաղով, թմբուկս թողեցի կովին, որը պառկած էր նախկին տեղում ու բառաչում էր, իսկ ես ծիծաղելով փախա։
 +
 +
 +
===Երեսուն===
 +
 +
 +
Ախ, հա, փախո՛ւստ։ Ես դեռ այդ մասին էլ պետք է պատմեմ։ Ես փախչում էի, որպեսզի բարձրացնեի Վիտլարի ցուցմունքների արժեքը։ Սակայն առանց որոշակի նպատակի փախուստը անհնար է, մտածում էի ես։ Իսկ ո՞ւր ես դու ուզում փախչել, Օսկար, ― հարցնում էի ինքս ինձ։ Քաղաքական իրավիճակը և այսպես կոչված «երկաթյա վարագույրը» զրկում էին ինձ արևելք փախչելու հնարավորությունից։ Ստիպված էի որպես փախուստի նպատակակետ ջնջել իմ Աննա Կոլյայչեկ տատիկի չորս շրջազգեստները, որոնք մինչ օրս էլ, պաշտպանություն ու ապաստան խոստանալով, ուռչում են Կաշուբյան կարտոֆիլի դաշտերում՝ չնայած անձամբ իմ կողմից դեպի չորս շրջազգեստների կողմը փախուստը դիտվում էր որպես միակ հեռանկարայինը, եթե, միևնույն է, պետք էր փախչել։
 +
 +
Տեղին է ասել․ այսօր ես նշում եմ իմ երեսուներորդ ծննդյան տարեդարձը, իսկ դառնալով երեսուն տարեկան, մարդը պարտավոր է տղամարդու պես կշռադատել փախուստների մասին, այլ ոչ թե երեխայի նման։ Մարիան, որն ինձ երեսուն մոմերով կարկանդակ բերեց, ասաց․
 +
 +
― Դու երեսուն տարեկան ես դարձել, Օսկար։ Ժամանակն է, որ դու կամաց֊կամաց խելքի գաս։
 +
 +
Կլեփը, իմ ընկեր Կլեփը, ինչպես և միշտ, ինձ ջազային ձայնագրություններով սկավառակներ նվիրեց, հետո հինգ լուցկի օգտագործեց, որպեսզի վառի իմ կարկանդակի վրայի երեսուն մոմերը։
 +
 +
― Երեսունում կյանքը նոր միայն սկսվում է, ― ասաց Կլեփը։
 +
 +
Նա ինքը քսանինը տարեկան է։
 +
 +
Իսկ ահա Վիտլարը՝ իմ ընկեր Գոթֆրիդը, որն առավել մոտ է իմ սրտին, ինձ քաղցրավենիքներ բերեց, իմ մահճակալի ճաղավանդակի վրայով առաջ խոնարհվեց ու խնթխնթացրեց․
 +
 +
― Իսկ երբ Հիսուսը դարձավ երեսուն՝ ապստամբեց և կոչ արեց իր աշակերտներին։
 +
 +
Վիտլարը միշտ էլ սիրում էր ինձ շփոթության մեջ գցել։ Իբր ես պետք է վեր կենայի իմ անկողնուց ու հավաքեի իմ աշակերտներին, և այս ամենն այն պատճառով, որ ես երեսուն տարեկան էի։ Հետո եկավ իմ փաստաբանը, սկսեց ինչ֊որ թուղթ թափ տալ, շեփորահարեց իր շնորհավորանքները, մահճակալիս թիկնակը զարդարեց իր նեյլոնե գլխարկով և ինձ, ինչպես և մնացած հյուրերին, տեղեկացրեց․
 +
 +
― Սա ես հանգամանքների երջանիկ բերում եմ անվանում։ Այսօր իմ պաշտպանյալը նշում է իր ծննդյան երեսուներորդ տարեդարձը, և հենց նրա ծննդյան երեսուներորդ տարեդարձին ինձ տեղեկություն է գալիս, որ մատնեմատի կապակցությամբ դատավարության ընթացքը կվերականգնվի, քանզի նոր ապացույցներ են հայտնաբերվել․ քույր Բեաթեն, դե, չէ՞ որ դուք գիտեք․․․
 +
 +
Այն, ինչից ես արդեն շատ տարիներ երկյուղ էի կրում, երկյուղ էի կրում իմ փախուստի օրվանից, տեղյակ պահեց իր մասին, այսօր, իմ ծննդյան երեսուներորդ տարեդարձին նրանք կգտնեն իրական մեղավորին, նրանք ինձ բաց կթողնեն հատուկ բժշկական հաստատությունից, ինձանից կխլեն իմ սիրած անկողինը, ինձ դուրս կբերեն սառը, բոլոր քամիներով փչող փողոց և երեսունամյա Օսկարին կստիպեն կանչել իր աշակերտներին ու նրանց հավաքել իր ու իր թմբուկի շուրջ։
 +
 +
Եվ այսպես, դա նա՝ քույր Բեաթեն է նախանձից սպանել իմ քույր Դորոթեային։
 +
 +
Միգուցե դուք դեռ չե՞ք մոռացել։ Կար մի այդպիսի բժիշկ Վերներ, որը, ինչպես հաճախ է պատահում կինոյում ու կյանքում, կանգնած էր երկու բուժքույրերի միջև։ Մռայլ պատմություն է։ Բեաթեն սիրում էր Վերներին։ Իսկ Վերները սիրում էր Դորոթեային։ Իսկ Դորոթեան ընդհանրապես ոչ մեկին չէր սիրում կամ, այսպես ասենք, իր հոգու խորքում սիրում էր փոքրիկ Օսկարին։ Եվ այդ ժամանակ Վերները հիվանդացավ։ Եվ նրա մոտ էր այցելում Դորոթեան, որովհետև նա պառկած էր նրա բաժանմունքում։ Իսկ Բեաթեն դա ոչ մի կերպ չէր կարողանում տանել։ Եվ այդ իսկ պատճառով քույր Դորոթեային համոզեց իր հետ զբոսնել, իսկ Գերեսհայմից ոչ հեռու, տարեկանի դաշտում նրան սպանեց կամ, ասենք այսպես, վերացրեց։ Այժմ Բեաթեն առանց խոչընդոտների կարող էր գնալ բժիշկ Վերների ետևից, սակայն նա նրա ետևից գնում էր այնպես, որ բժիշկը ոչ միայն չառողջացավ, այլև՝ ճիշտ հակառակը։ Հնարավոր է, որ սիրուց խելքը թռցրած քույրը հետևյալ կերպ էր մտածում․ մինչ նա հիվանդ է, նա պատկանում է ինձ։ Արդյո՞ք նա նրան չափից դուրս չափադեղաքանակներով դեղեր էր տալիս։ Թե՞ տալիս էր ոչ այն դեղերը։ Բոլոր դեպքերում, բժիշկ Վերները մահացավ չափից դուրս մեծ դեղաքանակների պատճառով կամ այդ դեղերի պատճառով, սակայն դատարանի առջև Բեաթեն չխոստովանեց ո՛չ չափից դուրս մեծ դեղաքանակների մասին, ո՛չ էլ ոչ այն դեղերի, ո՛չ էլ տարեկանի դաշտում զբոսանքի, որը քույր Դորոթեայի համար վերջին զբոսանքը դարձավ։ Իսկ Օսկարին, որը նույնպես ոչ մի բան չէր խոստովանել, սակայն բանկայի մեջ էր պահել իրեն մերկացնող մատը, նրանք մեղավոր ճանաչեցին տարեկանի դաշտի հետ կապված, սակայն ինձ համարեցին անգործունակ և ուղարկեցին հատուկ բժշկական հիմնարկություն՝ հսկողության տակ։ Բոլոր դեպքերում, մինչ այն, երբ Օսկարին դատեցին ու խցկեցին այդ հաստատությունը, նա փորձեց փախչել, քանի որ ես ուզում էի նկատելիորեն բարձրացնել այն ցուցմունքների արժեքը, որոնք բերել էր իմ ընկեր Գոթֆրիդը։
 +
 +
Երբ ես սկսեցի իմ փախուստը, քսանյոթ տարեկան էի։ Ընդամենը մի քանի ժամ առաջ իմ տոնական կարկանդակի վրա, հանգիստ ծուլությամբ կաթելով, այրվում էին երեսուն մոմեր։ Ահա այն ժամանակ ևս, երբ ես փախչում էի, նույնպես սեպտեմբեր էր։ Ես ծնվել եմ կույսի նշանի տակ։ Սակայն խոսքն այստեղ կգնա ոչ թե էլեկտրական լամպերի տակ իմ ծնունդի, այլ իմ փախուստի մասին։
 +
 +
Քանի որ, ինչի մասին ասվեց ավելի վաղ, ճանապարհը դեպի արևելք, դեպի տատիկս, փակ էր, ես, ինչպես և մեր օրերում յուրաքանչյուր մարդ, ստիպված եղա փախչել արևմուտք։ Եթե քաղաքական բարձր նկատառումներով դու չես կարող գնալ հարազատ տատիկիդ մոտ, այդ ժամանակ վազիր պապիկիդ մոտ, որն ապրում է Բուֆալոյում, Միացյալ Նահանգներում։ Փախիր Ամերիկա, Օսկար, տեսնենք, թե որքան հեռու կփախչես։
 +
 +
Կոլյայչեկ պապի և Ամերիկայի վերաբերյալ միտքն իմ գլխում ծագեց, երբ ես դեռ փակ աչքերով պառկած էի Գերեսհայմի ետևի մարգագետնում, և կովը լպստում էր իմ դեմքը։ Մոտավորապես առավոտյան ժամը յոթն էր, և ինքս ինձ ասացի՝ Գոթֆրիդը երեկ հոգնել էր, հնարավոր է, որ նա իր հայտարարությունն անի միայն ութին և, կամ էլ, ութն անց կեսին, օգտագործիր ժամանակի մեջ առավելությունը, որը դու ստացել ես։ Ինձանից տասը րոպե պահանջվեց հեռախոսով քնաթաթախ Գերեսհայմ տաքսի կանչելու համար։ Տաքսին ինձ հասցրեց Գլխավոր կայարան։ Ուղևորության ընթացքում ես հաշվեցի իմ կանխիկ գումարը, սակայն հաճախ շեղվում էի հաշվից, որովհետև պարբերաբար բռնկվում էի առավոտին բնորոշ թարմ ու անմեղ ծիծաղով։ Այնուհետև ես թերթեցի իմ ճանապարհային անձնագիրը, անտեղ՝ շնորհիվ «Վեստ» համերգային գործակալության հոգատարության, Ֆրանաիա մուտք գործելու վիզա հայտնաբերեցի, որը գործում էր նաև Միացյալ Նահանգների համար, դոկտոր Դյոշը արդեն վաղուց էր համակված թմբկահար Օսկարի համերգային շրջագայությամբ վերը նշված երկրներն երջանկացնելու գաղափարով։
 +
 +
Շատ լավ, ասացի ինքս ինձ, այդ ժամանակ փախչում ենք Փարիզ, դա հեշտ է անել, դա լավ է հնչում և կսազեր Գաբենի մասնակցությամբ ֆիլմի համար, որը ծխամորճ ծխելով, լիովին բարեհոգի ընկնում է քո ետևից։ Իսկ ինձ ո՞վ պետք է խաղա։ Չապլի՞նը։ Պիկասո՞ն։ ― Ծիծաղելով և իմ մտքերից հուզված, ես դեռ էլի շրմփացնում էի իմ փոքր֊ինչ ճմռթված շալվարին, երբ վարորդն արդեն վաղուց պահանջում էր վճարել իր յոթ մարկը։ Ես վճարեցի ու նախաճաշեցի կայարանի ռեստորանում։ Թերխաշ ձվի կողքին ես բռնել էի երկաթուղային չվացուցակը, համապատասխան գնացք ընտրեցի, նախաճաշից հետո դեռ հասցրեցի ձեռք բերել անհրաժեշտ տարադրամը, համատեղ գնեցի նաև լավ կաշվից մի ճամպրուկ՝ վախենալով վերադառնալ Յուլիխերշտրասե, այնտեղ խցկեցի թեև թանկարժեք, սակայն վատ նստող մի վերնաշապիկ, նույն տեղում դրեցի գունատ, կանաչ գիշերային անդրավարտիքս, ատամի խոզանակը, մածուկը և դրանց նման մանրուքներ, քանի որ խնայելու անհրաժեշտություն չկար՝ գնեցի առաջին կարգի տոմս, ինչից գրեթե անմիջապես հետո ինձ հրաշալի զգացի պատուհանի մոտի փափուկ բազկաթոռի մեջ․ ես փախչում էի, սակայն վազելու կարիքը չկար։ Աթոռի բարձիկները ևս նպաստում էին իմ խորհրդածություններին։ Հենց որ գնացքը շարժվեց՝ սկսվեց փախուստը, Օսկարը սկսեց իր համար սարսափի արժանի ինչ֊որ բան հորինել, քանզի դրա համար պատճառ կար, ինքս ինձ ասացի, առանց վախի ոչ «փախի»։ Դե այդ դեպքում ասա, Օսկար, ի՞նչն է քեզ թվում սարսափելի և ինչը՝ փախուստի արժանի, եթե նույնիսկ ոստիկանության մասին միտքը քո մեջ այլ բան չի առաջացնում, քան վաղորդյան լուսավոր ծիծաղ։
 +
 +
Այսօր լրացավ իմ երեսուն տարին և, չնայած իմ փախուստը, ինչպես և դատաքննությունը հեռու անցյալում են, այն վախը, որ ես ներշնչեցի ինձ, երբ փախչում էի, այդ վախը ոչ մի տեղ չի անհետացել։
 +
 +
Ի՞նչն է պատճառը՝ վագոնների ցնցումնե՞րը, երկաթուղային գծի ե՞րգը։ Տեքստը միապաղաղ մոտենում էր, միայն Սախենից առաջ այն իր միտքն ընկավ, նստեց իմ՝ առաջին կարգի բազկաթոռների մեջ թաղվածիս մեջ, ամրապնդվեց, չհեռացավ նույնիսկ Աախենից հետո, երբ սահմանը մենք անցանք մոտավորապես տասն անց կեսին։ Դառնում էր ավելի ու ավելի հստակ և սարսափելի, այնպես որ ես նույնիսկ ուրախ էի, որ մաքսավորները ինձ որոշ չափով շեղեցին, ընդ որում, իմ կուզը նրանց մոտ ավելի ուշադրություն գրավեց, քան իմ անունն ու իմ անձնագիրը, և ես կրկնում էի ինքս ինձ․ ախ, այդ Վիտլարը, այդ քնկո՛տը։ Շուտով տասնմեկն է, իսկ նա դեռ պահածոյացման համար բանկան թևի տակ դրած ոստիկանություն չի հասել, այն դեպքում, երբ ես նրա ողորմածությամբ, վաղ առավոտից փրկվում եմ փախուստով, ուզում եմ ինձ վախ ներշնչել, որպեսզի փախուստը առաջ մղիչ ուժ ունենա․ ախ, ինչ աստիճան էի ես վախենում Բելգիայում, երբ երկաթուղային գիծը երգում էր․ «Որտե՞ղ է  մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին։ Այստեղ է նա, այստեղ պիտի լինի նա, պիտի լինի նա․․․»։
 +
 +
Այսօր ես երեսուն տարեկան եմ, դատաքննության վերսկսվելու պատճառով, սպասվելիք արդարացման դատավճռի պատճառով ես ստիպված եմ կրկին տեղաշարժվել և գնացքներում ու տրամվայներում լսել․ «Այստեղ է նա, այստեղ պիտի լինի նա, պիտի լինի նա»։
 +
 +
Սակայն եթե շեղվենք Սև խոհարարուհու հանդեպ իմ վախից, որի սարսափելի հայտնվելուն ես սպասում էի յուրաքանչյուր կայարանում, ուղևորությունն ինքնըստինքյան հաճելի էր։ Ես կուպեում մնացի մենակ հնարավոր է, որ խոհարարուհին ճամբորդում էր հարևան կուպեում, հերթականությամբ ծանոթանում էր բելգիական ու ֆրանսիական մակսավորների հետ, մի հինգ րոպե ննջում էր, թեթև ճիչով արթնանում և, որպեսզի գոնե ամբողջապես չհայտնվեմ Սև խոհարարուհու դիմաց, թերթում էի «Շպիգել» շաբաթաթերը, որը դեռ Դյուսելդորֆում վագոնի պատուհանից էի գնել, կրկին, ինչպես անցյալում շատ անգամ, զարմացա այն բանի վրա, թե ինչպես է, որ լրագրողներն ամեն ինչ գիտեն, նույնիսկ իմ մենեջերի՝ «Վեստ» համերգային գործակալության աշխատակից դոկտոր Դյոշի մասին  հոդված գտա, իսկ նրանում հաստատումն այն բանի, ինչը ես առանց նրանց էլ գիտեի․ Դյոշի համերգային գործակալական ծառայությունը կանգնած էր ընդամենը մեկ հենարանի վրա, և այդ հենարանը Օսկարն էր՝ թմբկահարը, բավականին վայելուչ լուսանկար։ Եվ քաշող֊տանող հենարանը գրեթե մինչև Փարիզ հասնելը պատկերացնում էր «Վեստ» համերգային գործակալության այն սնանկացումը, որն անխուսափելիորեն կհետևի իմ կալանավորմանը և Սև խոհարարուհու սարսափելի հայտնվելուն։
 +
 +
Իմ ողջ կյանքում ես չէի վախեցել Սև խոհարարուհուց։ Միայն փախուստի ժամանակ, երբ ես ուզում էի ինչ֊որ բանից վախենալ, նա սողալով մտավ իմ մաշկի տակ և այդպես էլ մնաց այնտեղ՝ չնայած, մեծ մասամբ քնած տեսքով, մնաց մինչև այսօր, երբ ես նշում էի իմ երեսունամյակը, նա տարբեր կերպարանքներ է ընդունում, օրինակ, «Գյոթե» բառը ինձ երբեմն ստիպում է վախից գոռալ և մտնել վերմակի տակ։ Որքան էլ ես երիտասարդ տարիքից ուսումնասիրում էի բանաստեղծների արքային, ինձ վրա մշտապես ծանր տպավորություն էր թողնում նրա օլիմպիական հանգստությունը։ Իսկ արդեն այժմ, երբ նա, Սև խոհարարուհու հագուստով զգեստավորված, այլևս իմ առջև լուսավոր ու դասական չի ներկայանում, այլ հակառակը, իր սևությամբ գերազանցելով անգամ Ռասպուտինին, կանգնում է իմ մետաղյա մահճակալի դիմաց և ի պատիվ իմ ծննդյան տարեդարձի հարցնում է․ «Որտե՞ղ է մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին», ― ես սարսափելի վախենում եմ։
 +
 +
«Այստեղ է նա, այստեղ է նա», ― երգում է իմ գնացքը՝ փախստական Օսկարին Փարիզ տանելով։ Անկեղծ ասած, ես Ինտերպոլի ներկայացուցիչներին սպասում էի արդեն փարիզյան Հյուսիսային կայարանում՝ Գոր֊դյու֊Նոր֊ում, ինչպես ասում է ֆրանսիացին։ Սակայն միայն բեռնակիրը, որից կարմիր գինու հոտն այն աստիճան էր փչում, որ նրան Սև խոհարարուհու տեղ ընդունելը ամենայն ցանկության դեպքում անհնարին էր, խոսեց ինձ հետ, և ես մտերմաբար մեկնեցի նրան իմ ճամպրուկը, որպեսզի նա այն հասցնի մինչև պտուտադռնակի մոտ։ Չէ՞ որ ես այդպես էլ գիտեի․ ոստիկանությունը և խոհարարուհին ևս չեն ցանկանա փող ծախսել կառամատույցի տոմսի վրա, նրանք քո հետ կզրուցեն ու կբռնեն քեզ արդեն պտուտադռնակից հետո։ Եվ, ուրեմն, դու խելամիտ կվարվես, եթե դեռ պտուտադռնակի դիմաց վերցնես քո ճամպրուկը։ Ահա ես էլ հենց ստիպված եղա այն քարշ տալ մինչև մետրո, որովհետև նույնիսկ ոստիկանությունը չբարեհաճեց հայտնվել, որպեսզի վերցնի իմ ուղեբեռը։
 +
 +
Ես ձեզ ոչինչ չեմ պատմի մետրոյի համաշխարհային ճանաչում ունեցող հոտի մասին։ Ինչպես մոտ ժամանակներս կարդացի, կարող ենք այդպիսի հոտով օծանելիք գնել ու մեզ վրա շաղ տալ։ Ես ուշադրություն դարձրի միայն այն բանի վրա, որ, նախ և առաջ, մետրոն, երկաթուղու նման, չնայած որ այլ ռիթմով, հարց է տալիս Սև խոհարարուհու մասին, և երկրորդ, որ նա պետք է հայտնի լինի մնացած ուղևորներին և նրանց վախ ներշնչի, ինչպես և ինձ, քանզի իմ շուրջը բոլորը վախ ու սարսափ էին ճառագում։ Իմ ծրագիրն այսպիսի տեսք ուներ․ մետրոյով հասնել մինչև Պորտե֊դը Իտալիկ, իսկ այնտեղից տաքսի վերցնել և գնալ Օռլի օդանավակայան, ես ինձ առանձնապես հրապուրիչ ու ինքնատիպ էի պատկերացնում ձերբակալությունը եթե ոչ Հյուսիսային կայարանում, ապա այդ դեպքում հանրահայտ Օռլի օդանավակայանում և ուղեկցորդուհու հագուստով խոհարարուհուն։ Ես ստիպված եղա մեկ անգամ փոխել գնացքը, ուրախացա, որ ձեռքինս այդքան թեթև ճամպրուկ է և թույլ տվեցի, որպեսզի մետրոյի վագոնը ինձ տանի դեպի հարավ, իսկ ինքս մտածում էի․ իսկ որտեղ դու դուրս կգաս, Օսկար, Տեր Աստված, որքան իրադարձություններ մեկ օրում․ այսօր առավոտյան Գերեսհայմից ոչ հեռու քեզ լիզում էր կովը, դու ուրախ էիր ու վախի զգացում չունեիր, իսկ այժմ դու Փարիզում ես, դե որտեղ ուրեմն կիջնես, և որտեղ է նա՝ սև ու սարսափելի, դուրս գալու քեզ ընդառաջ։ «Պլաս դը Իտալիկի՞» վրա, թե՞ արդեն Պորտե֊ի մոտ։
 +
 +
Ես իջա «Պորտե»֊ից մեկ կանգառ առաջ, «Մեզոն Բլանշ»֊ի մոտ, քանի որ այսպես էի մտածում․ նրանք, իհարկե, մտածում են, որ ես մտածում եմ, որ նրանք կանգնած են «Պորտե»֊ի մոտ։ Դրա փոխարեն նա գիտի, թե ինչ եմ մտածում ես, ինչ են մտածում նրանք։ Ես դրանից զզվել էի։ Փախուստը և վախի զգացումի տանջալիորեն պահպանվելը հոգնեցրին ինձ։ Օսկարը այլևս չէր ցանկանում օդանավակայան գնալ, նա «Մեզոն Բլանշը» առավել ինքնատիպ էր համարում, քան Օռլին, և պարզվեց, որ ճիշտ էր․ մետրոյի այդ կայարանում շարժասանդուղք կար, որն ինձ օգնեց որոշ բարձր զգացմունքներ  ապրել ու լսել նրա հավասարաչափ թխկթխկոցի մեջ․ «Որտեղ է մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին։ Այստեղ է նա, այստեղ է նա»։
 +
 +
Օսկարը գտնվում է որոշակի շփոթվածության մեջ։ Նրա փախուստը մոտենում էր ավարտին, փախուստի հետ ավարտին է մոտենում նաև նրա պատմությունը․ արդյոք «Մեզոն Բլանշ» մետրոյի շարժասանդուղքը կլինի բավականաչափ բարձր, ուղղաբերձ ու խորհրդանշական, որպեսզի իր հավասարաչափ թխկթխկոցով նշանավորի նրա գրառումների եզրափակիչ մասը։
 +
 +
Սակայն այստեղ ես վերհիշում եմ իմ սեփական, իմ այս օրվա երեսնամյակը։ Եվ բոլոր նրանց, ում շարժասանդուղքը չափից դուրս աղմկոտ է թվում, ու չի սարսափեցնում Սև խոհարարուհին, ես, որպես եզրափակիչ պատկեր, առաջարկում եմ իմ երեսուներորդ ծննդյան տարեդարձը։ Քանզի մի՞թե երեսուներորդ ծննդյան տարեդարձը բոլոր մնացյալներից ամենամիանշանակը չէ։ Նա իր մեջ ամփոփում է երեք թիվը, նա թույլ է տալիս կանխատեսել վաթսուն թիվը և դրանով այն դարձնում է ավելորդ։ Երբ այսօր առավոտյան իմ տոնական կարկանդակի վրա երեսուն մոմեր այրեցի, ես պատրաստ էի ուրախությունից ու գորովանքից արտասվել, սակայն Մարիայի պատճառով անհարմար զգացի․ երեսուն տարեկանում այլևս չի կարելի արտասվել։
 +
 +
Հենց շարժասանդուղքի առաջին աստիճանը ընդունեց ինձ, եթե ընդհանրապես հնարավոր համարենք, որ շարժասանդուղքը առաջին աստիճան ունի, ես սկսեցի ծիծաղել։ Չնայած վախիս կամ հենց նրա պատճառով  էի ես ծիծաղում։ Շարժասանդուղքը դանդաղ ու կտրուկ բարձրանում էր վերև, իսկ վերևում կանգնած էին նրանք։ Ինձ մոտավորապես կես սիգարետի չափով ժամանակ էր մնում։ Երկու աստիճան վերևում բարձրանում էր ծեր կինը, ի դեմս որի ես սկզբում, ընդ որում առանց որևէ հիմքի, կասկածեցի Սև խոհարարուհուն։ Նրա գլխին մրգերի պատկերներով զարդարված գլխարկ կար։ Մինչ ես ծխում էի, գլխումս միտք ծագեց, և ես ընդհանուր առմամբ ունեցա շարժասանդուղքի կապակցությամբ տարբեր ասոցիացիաներ․ սկզբում Օսկարը պատկերում էր բանաստեղծ Դանտեին, որը վերադառնում էր դժոխքից, իսկ վերևում, որտեղ ավարտվում է շարժասանդուղքը, նրան են սպասում «Շպիգելի» ճարպիկ թղթակիցները մեկ հարցով․ «Ողջույն, Դանտե, դե, ինչպե՞ս է այնտեղ, դժոխքում»։ Նման խաղ արեցի նաև բանաստեղծների արքայի՝ Գյոթեի հետ, և «Շպիգելի» մարդիկ ինձ հարց ու փորձ էին անում, թե ինչպես է այնտեղ, ներքևում, մայրերի մոտ։ Հետո բանաստեղծները ինձ զզվեցրին, ինքս ինձ ասացի՝ վերևում չկան ո՛չ «Շպիգելից» մարդիկ, ո՛չ գրպաններում մետաղական ժետոններ դրած հայտնի պարոններ։ Այնտեղ կանգնած է նա՝ խոհարարուհին, և շարժասանդուղքը դղրդում է․ «Որտեղ է մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին», իսկ Օսկարը պատասխանում է․ «Այնտեղ է նա, այնտեղ է նա»։
 +
 +
Շարժասանդուղքի կողքին կային նաև լիովին նորմալ աստիճաններ։ Դրանցով մարդիկ ներքև՝ մետրոյի կայարան էին իջնում։ Ակնհայտորեն փողոցում անձրև էր տեղում։ Մարդիկ թրջված տեսք ունեին։ Դա ինձ անհանգստացրեց, որովհետև Դյուսելդորֆում ես թիկնոց գնելու համար ժամանակ չունեցա։ Սակայն մի թռուցիկ հայացք դեպի վերև, և Օսկարը կարող էր համոզվել, որ աննկատ նկատելի դեմքերով պարոնները իրենց մոտ երկու լիովին քաղաքացիական անձրևանոցներ ունեն՝ չնայած դա ամենևին էլ կասկածի տակ չէր դնում Սև խոհարարուհու գոյությունը։
 +
 +
Ինչպե՞ս ես կխոսեմ նրանց հետ, ես անհանգստացա ու հաճույք զգացի՝ դանդաղ ծխելով իմ սիգարետը, զգացմունքների դանդաղ վերելք ստեղծող, գիտելիքները հարստացնող շարժասանդուղքի վրա․ շարժասանդուղքի վրա մարդն ավելի երիտասարդ է դառնում, շարժասանդուղքի վրա մարդը դառնում է ավելի տարիքով։ Ես ընտրություն ունեի՝ որպես երեք տարեկան կամ որպես վաթսուն տարեկան թողնել շարժասանդուղքը, Ինտերպոլի հետ հանդիպել որպես նորածին կամ ծերունի, այս կամ այն տարիքում վախենալ Սև խոհարարուհուց։
 +
 +
Հավանաբար, արդեն շատ ուշ է։ Իմ մետաղյա մահճակալն այնքան հոգնած տեսք ունի, և իմ հիվանդապահ Բրունոն ևս երկու անգամ իմ դռան վրայի անցքին է մոտեցրել իր մտահոգ, շագանակագույն աչքը։ Հողմածաղիկ պատկերող ջրաներկ կտավի տակ դրված է երեսուն մոմերով ձեռք չտված կարկանդակը։ Հնարավոր է, որ Մարիան արդեն քնած է։ Ինչ֊որ մեկը, կարծես դա Հուստան էր՝ Մարիայի քույրը, ինձ մոտակա երեսուն տարիների համար երջանկություն ցանկացավ։ Մարիան այնպես է քնում, որ կարելի է նախանձել։ Այո, իսկ ի՞նչ կամեցավ ինձ ծննդյանս տարեդարձի կապակցությամբ իմ որդի Կուրտը՝ գիմնազիստը, օրինակելի աշակերտը, ողջ դասարանում ամենալավը։ Երբ Մարիան քնած է, նրա շուրջ կահույքը նույնպես քուն է մտնում։ Ախ, այո, հիշեցի, հիշեցի․ փոքրիկ Կուրտն ինձ հանգիստ առողջացում ցանկացավ։ Իսկ ես անձամբ կցանկանայի Մարիայի քնի գոնե մի պատառիկը, քանի որ ես հոգնել եմ, և իմ գրեթե բոլոր բառերը սպառվել են։ Կլեփի երիտասարդ կինը, չնայած բարի նպատակներով, ի պատիվ իմ կուզի, մի հիմար բանաստեղծություն էր հորինել։ Ահա արքայազն Օյգենն էլ էր այլանդակ, սակայն վերցրեց ու, այնուամենայնիվ, գրավեց Բելգրադ քաղաքն ու ամրոցը։ Ժամանակն է, որպեսզի Մարիան ի վերջո հասկանա, որ կուզը երջանկություն է բերում։ Ահա արքայազն Օյգենը ևս երկու հայր ուներ։ Այժմ ես երեսուն տարեկան եմ, սակայն իմ կուզն ավելի երիտասարդ է։ Լյուդովիկոս Տասնչորսերորդը արքայազն Օյգենի ենթադրյալ հայրերից մեկն էր։ Նախկինում գեղեցիկ կանայք փողոցներում հաճախ էին ձգտում դիպչել իմ կուզին երջանկության համար։ Արքայազն Օյգենը այլանդակ էր և այդ իսկ պատճառով բնական մահով մահացավ։ Եթե Հիսուսը կուզ ունենար, դժվար թե հաջողվեր նրան խաչի վրա մեխել։ Մի՞թե ես այժմ պարտավոր եմ հավաքվել, ու շուրջս աշակերտներ հավաքել միայն այն պատճառով, որ լրացել է իմ երեսուն տարին։
 +
 +
Բայց դա ընդամենը շարժասանդուղքային գաղափար էր։ Շարժասանդուղքն ինձ անընդհատ տանում էր վեր ու վեր։ Իմ առջևում ու վերևում անքաղաքավարի զույգ էր։ Իմ ետևում ու ներքևում՝ գլխարկով ծեր կինը։ Փողոցում անրև է, իսկ վերևում, լրիվ վերևում կանգնած են Ինտերպոլի պարոնները։ Աստիճանները շարված են եզրավոր շրիշակներով։ Երբ կանգնած եմ շարժասանդուղքի վրա, պետք է ամեն ինչը կշռադատել․ որտեղի՞ց ես դու եկել։ Ո՞ւր ես դու գնում։ Ո՞վ ես դու։ Ինչպե՞ս է քո անունը։ Ի՞նչ ես դու ուզում։ Հոտերը համակում են ինձ․ երիտասարդ Մարիայի վանիլը։ Յուղով պատրաստված սարդինաների յուղը, որն իմ խեղճ մայրիկը տաքացնում ու տաք վիճակում խմում էր, մինչև որ ինքն էլ սառեց ու հեռացավ գետնի տակ։ Յան Բրոնսկին, որն անփոփոխ օծանելիք էր օգտագործում, սակայն վաղաժամ մահը արդեն փչում էր նրա կոճակների բոլոր հանգույցների միջով։ Բանջարեղեն վաճառող Գրեֆի մառանից ձմեռային կարտոֆիլի հոտ է գալիս։ Եվ ևս մեկ անգամ․ առաջին դասարանցիների թերթաքարերի գրատախտակի վրա չորացած սպունգների հոտը։ Եվ իմ Ռոզվիտան, որից մշկախաղողի ու դարչինի հոտ էր գալիս։ Երբ պարոն Ֆայնգոլդը իմ ջերմության վրա շաղ տվեց իր ախտահանիչ միջոցները, ես լողում էի կարբոլաթթվի ամպի վրա։ Ախ այդ Սուրբ Քրիստոսի սիրտը եկեղեցու կաթոկիցիզմը, այդ բազմաթիվ չթարմացված հագուստները, այդ սառը փոշին։ Ես ձախ կողային զոհասեղանի դիմաց իմ թմբուկը փոխանցեցի․ սակայն ո՞ւմ։
 +
 +
Այնուամենայնիվ, դա ընդամենը շարժասանդուղքային գաղափար էր։ Այսօր ինձ ուզում են մեխերով մեխել, ինձ ասում են․ դու երեսուն ես։ Եվ հետևաբար, դու պետք է հավաքես աշակերտներիդ։ Հիշիր, խնդրեմ, թե ինչ էիր դու ասում, երբ քեզ բռնել էին։ Հաշվիր քո կարկանդակի վրայի մոմերը, թո՛ղ անկողինը և հավաքի՛ր աշակերտներիդ։ Չէ՞ որ երեսուն տարեկանի դիմաց այդքան շատ հնարավորություններ են բացվում։ Օրինակ, եթե ինձ իսկապես դուրս հանեն բժշկական հիմնարկությունից, ես կկարողանայի ևս մեկ անգամ խնդրել Մարիայի ձեռքը։ Այսօր ես շատ ավելի մեծ հաջողության հավակնություն կունենայի։ Այդ Օսկարն էր, որ նրան խանութ գնեց, մինչև օրս էլ ձայնապնակների վրա շարունակում է լավ փող աշխատել, այդ ընթացքում դարձավ ավելի հասուն ու մեծահասակ։ Երեսունում ժամանակն է ամուսնանալու։ Կամ ընդունենք այսպես․ ես մնում եմ ամուրի, ինձ համար ընտրում եմ իմ մասնագիտություններից մեկը, լավ կրաքարի քարհանք եմ գնում, մի քանի քարհատների եմ վարձում, աշխատում եմ քարհանքից՝ շինարարություն, առանց միջնորդների։ Երեսուն տարեկանում ժամանակն է, որպեսզի կայունացնես քո կենցաղը։ Կամ, եթե ապագայում ինձ զզվեցնեն նման կիսակառույց շինությունները, ես կներկայանամ Ուլլա անունով մուսային, նրա հետ միասին ու նրա կողքին որպես հետաքրքիր բնորդ կծառայեմ գեղեցիկ արվեստներին։ Իսկ միգուցե գեղեցիկ մի օր ես ընդհանրապես կամուսնանամ նրա՝ այդքան հաճախ ու այդքան կարճատև ժամանակով նշանվող մուսայի հետ։ Երեսուն տարեկանում ժամանակն է ամուսնանալու։ Կամ եթե ինձ ձանձրացնի Եվրոպան, ես կարտագաղթեմ Ամերիկա, Բուֆալո, իմ հին երազանքը․ ես կփնտրեմ ու կգտնեմ իմ պապին՝ միլիոնատեր Ջո Կոլչիկին, նույն ինքը՝ նախկին հրձիգ Յոզեֆ Կոլյայչեկին։ Երեսունում ժամանակն է անցնել նստակյաց կյանքի։ Եվ կամ ես կհանձնվեմ, թույլ կտամ, որ ինձ մեխերով մեխեն, կամ դուրս կգամ և միայն այն պատճառով, որ երեսուն տարեկան եմ, կներկայանամ որպես մեսիա, որի տեղն են նրանք ինձ ընդունում։ Սեփական փորձիս հակառակ՝ իմ թմբուկը ավելին կդարձնեմ, քան նա ունակ է պատկերել, նրան կվերածեմ խորհրդանիշի, կհիմնեմ աղանդ, կուսակցություն կամ ուղղակի մասոնական օթյակ։
 +
 +
Չնայած ինձնից վերև կանգնած սիրահար զույգին ու ինձնից ներքև՝ գլխարկով ծեր կնոջը, շարժասանդուղքային գաղափարը գրավեց ինձ։ Արդեն ասե՞լ եմ, որ զույգը կանգնած էր մեկ, այլ ոչ թե երկու աստիճան վեր, որ իմ և զույգի միջև դրել էի իմ ճամպրուկը։ Ֆրանսիայում երիտասարդ մարդիկ չափազանց տարօրինակ տպավորություն են թողնում։ Այսպես, աղջիկը, մինչ շարժասանդուղքը նրանց տանում էր վեր, արձակեց նրա հագի կաշվե բաճկոնը, այնուհետև վերնաշապիկը և սկսեց մշակել տասնութամյա մաշկը։ Ընդ որում, դա կատարում էր այնքան գործնական, այնպես արհեստավարժ, բացարձակապես ոչ էրոտիկ շարժումներով, որ իմ մեջ նույնիսկ կասկած առաջացավ․ մարդկանց մեջ իրենց սիրային կիրքը ցուցադրելով՝ երիտասարդ մարդիկ աշխատավարձ են ստանում, որպեսզի Ֆրանսիայի մայրաքաղաքը չկորցնի իր երբեմնի փառքը։ Սակայն, երբ դրանից հետո զույգը սկսեց համբուրվել, իմ կասկածները հօդս ցնդեցին․ աղջկա լեզվից քիչ էր մնում տղայի շունչը կտրվեր և նա դեռ շարունակում էր հազալ, երբ ես արդեն հանգցրել էի իմ սիգարետը, ցանկանալով ոստիկանության առջև ներկայանալ որպես չծխող։ Ինձանից ներքև կանգնած ծեր կինն ու նրա գլխարկը, ես ուզում եմ ասել, որ գլխարկը գտնվում էր հենց իմ գլխի հարթության վրա, քանի որ իմ հասակը հավասարակշռում էր երկու աստիճաննների միջև բարձրության տարբերությունը, ոչ մի արտառոց բան չէր անում, եթե չհաշվենք այն, որ նա ինչ֊որ բան էր փնթփնթում, քթի տակ ինքն իրեն կշտամբում էր։ Սակայն, վերջիվերջո, փարիզեցի շատ ծեր կանայք են իրենց այդպես պահում։ Շարժասանդուղքի՝ ռետինե բազիրքները մեզ հետ բարձրանում էին վեր։ Կարելի էր ձեռքը դնել դրանց վրա, որպեսզի ձեռքը նույնպես գնար։ Ես այդպես էլ կվարվեի, եթե հետս ձեռնոցներ վերցրած լինեի։ Պատերի վրայի բոլոր հախճասալիկները մի քիչ, աննշան քանակությամբ էլեկտրական լույս էին անդրադարձնում։ Խողովակներն ու համատարած բաց դեղնավուն մետաղամալուխների փնջերը ուղեկցում էին մեր վերելքը։ Չեմ կարող ասել, թե աստիճանները դժոխային աղմուկ էին բարձրացնում։ Չնայած իրենց մեխանիկական ծագմանը, դրանք նույնիսկ հարմարավետ էին թվում։ Եվ, չնայած սարսափելի Սև խոհարարուհու մասին բանաստեղծությունների թխկթխկոցին, «Մեզոն Բլանշ» մետրոյի֊կայանը ինձ վրա տնական, ես նույնիսկ կասեի, մտերմիկ տպավորություն էր թողնում։ Ես շարժասանդուղքի վրա զգում էի ինձ ինչպես տանը, ես ինձ երջանիկ կհամարեի՝ չնայած վախիս ու մանկական սարսափիս, եթե նա ինձ հետ վեր բարձրացներ ոչ թե բացարձակապես օտար մարդկանց, այլ իմ ողջ ու մահացած ընկերներին ու հարազատներին․ Մացերատի ու Յան Բրոնսկու միջև իմ խեղճ մայրիկին, ճերմակահեր մկնիկ Տրուչինսկի մայրիկին իր երեխաների՝ Հերբերթի, Հուստայի, Ֆրիցի, Մարիայի հետ և բանջարեղեն վաճառող Գրեֆին ու նրա անբովանդակ Լինային և, բնականաբար, խրատատու Բեբրային և նազանի Ռոզվիտային՝ մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր եզրապատում էին իմ կասկածելի կենցաղը։ Նրանց, ում կործանեց իմ կենցաղը, իսկ ահա վերևում այնտեղ, որտեղ սպառվում էին շարժասանդուղքի ուժերը, ես կամենում էի ոստիկանների փոխարեն տեսնել Սև խոհարարուհուն մի ինչ֊որ հակադիր բան․ որպեսզի այնտեղ սարի պես վեր խոյանար իմ Աննա Կոլյայչեկ տատիկը և որպեսզի բարեհաջող վերելքից հետո նա ինձ իմ շքախմբով ներս թողներ իր շրջազգեստների տակ, սարնիվեր։
 +
 +
Սակայն այնտեղ ընդամենը երկու պարոններ էին կանգնած, և նրանց հագին լայնատարած շրջազգեստներ չկային, այլ կային ամերիկյան ձևվածքի անջրթափանցիկ թիկնոցներ։ Դրան գումարած, վերելքն ավարտելով ու կոշիկներիս միջի բոլոր տասը մատներով ծիծաղելով, ես պետք է խոստովանեի, որ և՛ իմ վերևի անքաղաքավարի զույգը, և՛ իմ ներքևի փնթփնթացող ծեր կինը՝ բոլորը ոստիկանական գործակալներ էին։
 +
 +
Դե այստեղ էլ ինչ երկար պատմեմ․ մերկ լամպերի տակ ծնված, երեք տարեկանում գիտակցաբար աճը կանգնեցրած, որպես նվեր թմբուկ ստացած, ձայնով ապակի կտրող, վանիլի հոտ ներշնչող, եկեղեցիներում հազացող, Լյուցիային կերակրող, մրջյուններին հետևող, կրկին աճելու որոշում կայացրած, թմբուկը թաղած, Արևմուտք մեկնած, Արևելքը կորցրած, քարհատի մասնագիտությունը սովորած ու ծիծաղելով փախուստի դիմած, շարժասանդուղքով վեր բարձրացած, բռնված, դատապարտված, կալանավորված, այնուհետև արդարացված ես այսօր նշում եմ իմ ծննդյան երեսուներորդ տարեդարձը և առաջվա նման վախենում եմ Սև խոհարարուհուց՝ ամեն։
 +
 +
Ես գցեցի հանգցրած սիգարետը։ Այն խնամքով ընկավ աստիճանի շրիշակների միջև։ Այն բանից հետո, երբ Օսկարը որոշ ժամանակ քառասունհինգ աստիճանի անկյան տակ գնում էր դեպի երկինք, նա ևս երեք հորիզոնական քայլ կատարեց, թույլ տվեց, որ շարժասանդուղքի փայտյա շարժական շրիշակները անքաղաքավարի ոստիկանների զույգի ետևից ու ոստիկան տատիկի առջևով իրեն դուրս բերեն շարժական մետաղյա սանդերքի վրա։ Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանները ներկայացան ու նրան Մացերատ անվանեցին, նա, հետևելով իր շարժասանդղքային գաղափարին, սկզբում գերմաներենով՝ «Ես քրիստոսն եմ», հետո այդ նույն բանը (քանի որ այնուամենայնիվ նրա առջև կանգնած էին միջազգային ոստիկանության ներկայացուցիչները) ֆրանսերենով և, ի վերջո, անգլերենով ասաց․ «l am Jesus»։
 +
 +
Սակայն ինձ բռնեցին որպես Օսկար Մացերատ։ Առանց նվազագույն առարկությունների ես ինձ հանձնեցի ոստիկանության իշխանությանը և, քանի որ փողոցում Ավենյու դը Իտալիում անձրև էր գալիս նրանց անձրևանոցներին, ողջ ժամանակ անհանգիստ շուրջս էի նայում։ Վախով լի աչքերով փնտրելով, մի քանի անգամ փողոցի մարդկային հոսքի մեջ, ոստիկանական մեքենան շրջապատած ամբոխի մեջ տեսա Սև խոհարարուհու սարսափելիորեն հանգիստ դեմքը։
 +
 +
Այժմ ինձ մոտ այլևս խոսքեր չմնացին, սակայն ես դեռ պետք է խորհեմ, թե ինչ է պատրաստվում անել Օսկարը, երբ նրան անխուսափելիորեն դուրս թողնեն հատուկ բժշկական հաստատությունից։ Ամուսնանա՞լ։ Մնալ ամուրի՞։ Երկիրը լքե՞լ։ Վերադառնալ բնորդի աշխատանքի՞ն։ Քարհա՞նք ձեռք բերել։ Հավաքել աշակերտների՞ն։ Նոր աղանդի հիմնադի՞ր դառնալ։
 +
 +
Բոլոր հնարավորությունները, որոնք մեր օրերում տրամադրվում են երեսուն տարեկանին, պետք է լրջագույն ձևով ստուգել, իսկ էլ ինչո՞վ դրանք ստուգել, եթե ոչ իմ թմբուկով։ Եվ այսպես, ես թմբուկի համար կստեղծեմ այն երգը, որն ինձ համար ավելի ու ավելի կենդանի ու սարսափեցնող հնչի։ Ես կկանչեմ Սև խոհարարուհուն, կխնդրեմ նրան, որպեսզի վաղն առավոտյան կարողանամ հիվանդապահ Բրունոյին տեղեկացնել, թե ինչպիսի կենսաձև է մտադիր ընտրել Օսկարը մանկական սարսափի ահագնացող ստվերի ներքո, քանզի այն, ինչը նախկինում ինձ վախեցնում էր սանդուղքների աստիճանների տակ, այն, ինչը նկուղում՝ քարածուխ վերցնելիս սարսափ էր ներշնչում, ինձ մոտ առաջացնելով վախի ծիծաղ, այն միշտ այստեղ էր, խոսում էր մատներով, հազում էր բանալու անցքի մեջ, հոգոց էր հանում վառարանի մեջ, գոռում էր դռան հետ, ամպի վերածված՝ դուրս էր լողում ծխնելույզներից, երբ նավերը մշուշի մեջ շեփոր էին հնչեցնում, կամ երբ երկու փեղկերի միջև երկար ժամերով մահանում էր ճանճը։ Նույնիսկ երբ օձաձկները փափագեցին իմ մայրիկին, իսկ մայրիկս փափագեց օձաձկներին, երբ արևն իջնում էր Թուրմբերգի ետևում և սկսում էր իր համար ապրել՝ ասես մաքուր սաթ։ Ո՞ւմ ի նկատի ուներ Հերբերթը, երբ մագլցում էր փայտի վրա։ Ինչպես նաև գլխավոր զոհասեղանի ետևում ի՞նչ արժեք կունենար ողջ կաթոլիցիզմը առանց խոհարարուհու, որը սևացնում է բոլոր խոստովարանները։ Դա նա ստվեր գցեց, երբ փլուզվեց Սիգիզմունդ Մարկուսի խաղալիքների աշխարհը, իսկ եկամտային տան բակում երեխաները, Ակսել Միշկեն ու Նուխի Էյքեն, Սյուզի Քատերը և Հենսխեն Քոլինը, դա արտասանում էին բարձրաձայն, դա երգում էին՝ մանրացված աղյուսից ապուր եփելով․ «Որտե՞ղ է մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին, Սև խոհարարուհին»։ Նա միշտ էլ այստեղ է եղել, նույնիսկ ասպրիկի համով թշշացող փոշու մեջ՝ չնայած փոշին անմեղ֊կանաչ տեսք ուներ, բոլոր զգեստապահարաններում, որտեղ ես երբևիցե թաքնվել եմ, թաքնվել է նաև նա, իսկ հետո նա վարձույթով վերցրեց Լյուցիա Ռենվանդի եռանկյունի մռութը, տապակեց հաց և կեղևվը չհանված երշիկ։ Փոշի սրբողներին քշելով տարավ ցատկահարթակ, մնաց միմիայն Օսկարը, նա հետևում էր մրջյուններին ու գիտեր, որ դա նրա ստվերն է, որը բազմացած ինչ֊որ քաղցր բան է փնտրում, և այս բոլոր բառերը՝ Օրհնյալ, Սգացող, Դարեշնորհ, Կույսերի Կույս․․․ և բոլոր քարերը՝ բազալտը, տուֆը, դիաբազը, խեցեքարի միջի խոռոչները, այդքան փափուկ գաջակիրը․․․ և բոլոր, երգով փշրված, ապակիները՝ թափանցիկ, ամենաբարակ, ապակի փչող բանվորի կողմից փչված․․․ և նաև գաղութային ապրանքները՝ երկնագույն, ֆունտանոց ու կես ֆունտանոց փաթեթների միջի ալյուրն ու շաքարը։ Հետո չորս կատուները, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում, պատը, որը ստիպված եղան նորովի սպիտակեցնել, մահվան ճիրանն ընկած Լեհաստանը, ինչպես նաև արտակարգ հաղորդակցությունները, երբ ինչ֊որ մեկը ինչ֊որ մեկին խորտակում էր, կարտոֆիլները, որոնք աղմուկով ընկնում էին կշեռքի վրայից, այն, ինչը ոտքերի մասում նեղանում էր, գերեզմանատները, որոնց վրա կանգնում էի ես, սալքարերը, որոնց վրա ես ծնկի էի իջնում, կոկոսե ուղեգորգերը, որոնց վրա ես պառկում էի․․․ բետոնի մեջ դրոշմվածը, սոխի հյութը, որն արտասուքներ է կորզում, մատի վրայի մատանին ու կովը, որը լիզում է ինձ․․․ Մի հարցրեք Օսկարին, թե ով է նա։ Նրա մոտ այլևս բառեր չեն մնացել, քանզի այն, ինչը նախկինում նստած էր իմ մեջքին, համբուրում էր իմ կուզը, այսուհետ պետք է դուրս գա ինձ ընդառաջ։
 +
 +
Դարձյալ որոշ ժամանակ Սև խոհարարուհին գալիս էր իմ հետքերով։
 +
 +
 +
Իսկ այժմ նա գալիս է ինձ ընդառաջ, սև։
 +
 +
Բառ, վերարկու, շուռ տված, սև։
 +
 +
Սև դրամով վճարում է, սև։
 +
 +
 +
Իսկ ահա երեխաները՝ երգելիս, այլևս չեն երգում․
 +
 +
Այստե՞ղ է Սև խոհարարուհին։ Հա՛, հա՛, հա՛։
 +
 
   
 
   
  

Ընթացիկ տարբերակը 12:53, 21 Մայիսի 2015-ի դրությամբ

Թիթեղյա թմբուկը

հեղինակ՝ Գյունթեր Գրաս
թարգմանիչ՝ Կարլեն Մատինյան
աղբյուր՝ «Թիթեղյա թմբուկը»


Բովանդակություն

Գիրք առաջին

Ընդարձակ շրջազգեստը

Չեմ թաքցնի, ես հատուկ բժշկական հիմնարկության հիվանդ եմ, խնամողս հետևում է ինձ, գրեթե աչք չի կտրում ինձնից, քանի որ դռան վրա կա դիտանցք, իսկ իմ խնամակալի աչքն այն դարչնագույններից է, որոնք ունակ չեն միջթափանց տեսնել ինձ՝ կապուտաչյաիս։

Հետևաբար, իմ հիվանդապահը երբեք չի կարող լինել իմ թշնամին։ Ես նույնիսկ սիրեցի նրան՝ դռան ետևից աչք դնողին, և հենց նա իմ սենյակն է մտնում, նրան զանազան դրվագներ եմ պատմում իմ կյանքից, որպեսզի նա, չնայած դիտանցքի խոչընդոտին, ինձ ավելի լավ ճանաչի։ Ամեն ինչից դատելով՝ այդ բարին գնահատում է իմ պատմվածքները, քանզի հերիք է, որ ես նրան հերթական պատմությունս հորինեմ, նա, ցանկանալով արտահայտել իր երախտագիտությունը, ցուցադրում է ինձ իր ձեռքի աշխատանքի հերթական նորագույն նմուշը։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե արվեստագետ է նա, թե ոչ։ Չնայած նրա ստեղծած ցուցահանդեսը նույնիսկ հրապուրել էր մի քանի գնորդների։ Նա հանգույցներ է հյուսում սովորական առասանակից, որը հավաքում, խճճվածքից քանդում է հիվանդասենյակներում, այցեժամերից հետո դրանք վերածում բազմահանգույց հրեշների, հետո թաթախում գիպսի մեջ, թողնում, որ չորանան, և հագցնում փայտյա ձողերին ամրացված գործելու ճաղերի վրա։

Հաճախ նա տարվում է իր ստեղծագործությունները գունազարդելու գաղափարով։ Ես նրան ետ եմ պահում այդ մտքից՝ մատնացույց անելով իմ սպիտակ, լաքապատ, մետաղյա մահճակալը, և խնդրում նրան՝ այդ ամենակատարյալ մահճակալը մտովի պատկերացնել գունազարդ։ Այդ ժամանակ նա գլխավերևում սարսափով իրար է խփում խնամակալի իր ձեռքերը՝ միաժամանակ փորձելով իր փոքր֊ինչ անշարժ դեմքի վրա արտահայտել սարսափի բոլոր հնարավոր ձևերը և ձեռ է քաշում բազմագույն ծրագրերից։

Այսպիսով իմ պետական, մետաղյա, սպիտակ լաքով պատված մահճակալը ծառայում է որպես չափանիշ։ Ինձ համար այն նույնիսկ շատ ավելին է․ իմ մահճակալը՝ դա ի վերջո հասած նպատակակետ է, իմ սփոփանքը, այն կարող էր դառնալ իմ հավատքը, եթե հիմնարկության տնօրինությունը թույլ տար կատարել որոշ կատարելագործումներ․ ես բարձրացնել կտայի մահճակալի ճաղավանդակը, որպեսզի այլևս ոչ ոք ինձ չափից շատ չմոտենար։

Շաբաթը մեկ անգամ՝ այցելությունների օրը, խախտվում էր իմ սպիտակ մետաղաձողերով հյուսված լռությունը։ Այդ ժամանակ գալիս են նրանք, ովքեր ցանկանում են ինձ փրկել, ում հաճույք է պատճառում ինձ սիրելը, ովքեր կուզենային իմ մեջ գնահատել, հարգել և ճանաչել իրենք իրենց։ Որքան կույր են նրանք, նյարդային, անդաստիրակ։ Եղունգների մկրատով քերծում են ճաղավանդակի սպիտակ լաքը, գրիչներով ու կապույտ մատիտներով երկարավուն անպարկեշտ մարդուկներ են նկարում։ Իմ փաստաբանը՝ իր ողջյունով պայթեցնելով սենյակը, ամեն անգամ նեյլոնե գլխարկը ցցում է մահճակալիս որմնակողմի ձախ սյան վրա։ Եվ ճիշտ այնքան ժամանակ, որքան տևում է նրա այցը, ― իսկ փաստաբանները կարող են երկար խոսել, ― նա նման բռնի գործողությամբ խլում է իմ հավասարակշռությունը և հոգու կայտառությունը։

Այն բանից հետո, երբ իմ այցելուներն իրենց ընծաները ի ցույց դրեցին ջրաներկ հողմածաղիկների կտավի ներքևում գտնվող սպիտակ սփռոցով սեղանիկի վրա, և այն բանից հետո, երբ նրանց հաջողվեց տեղեկացնել ինձ իմ փրկությանն ուղղված՝ իրենց ընթացիկ կամ ծրագրվող գաղափարների մասին և համոզել ինձ՝ ում նրանք առանց հոգնելու ջանում են փրկել, մերձավորի հանդեպ իրենց սիրո բարձր մակարդակ ունենալու մեջ, դրանով իսկ կրկին իրենց գոյության հաճույքն են վերագտնում և լքում ինձ։ Հետո գալիս է իմ խնամողը՝ օդափոխելու և ընծաների փաթեթների ժապավենները հավաքելու։ Հաճախ նրան էլի ժամանակ է մնում, որպեսզի օդափոխելուց հետո նստի իմ մահճակալին և, խճճված ժապավենները քանդելով, իր շուրջը լռություն տարածի այնքան ժամանակ, մինչև որ ես սկսում եմ լռությունը անվանել Բրունո, իսկ Բրունոյին՝ լռություն։

Բրունո Մյունսթերբերգը, ես ի նկատի ունեմ խնամողիս և մի կողմ եմ դնում բառախաղը, իմ փողերով ինձ համար հինգ հարյուր գրելաթուղթ է գնել։ Չամուսնացած, երեխա չունեցող և արմատներով Զաուերլանդից Բրունոն պատրաստ է, եթե պահուստը չբավականացնի, կրկին գնալ գրենական պիտույքների փոքրիկ կրպակ, ուր նաև մանկական խաղալիքներ են վաճառում, որպեսզի ինձ ապահովի գծեր չունեցող անհրաժեշտ մակերեսով՝ իմ, հուսանք, ճշգրիտ հիշողությունների համար։ Ես երբեք չէի կարողանա խնդրել, որ նման ծառայություններ մատուցեն իմ այցելուները, ասենք, փաստաբանը կամ Բլեփը։ Իմ նկատմամբ հոգսաշատ սերը ընկերներիս հաստատ թույլ չէր տա իրենց հետ բերել այնպիսի վտանգավոր մի բան, ինչպիսին մաքուր թուղթն է, և այն տրամադրել հոգուց անդադար դուրս ժայթքող իմ խոսքերին։

Երբ ես ասացի Բրունոյին․ «Ախ, Բրունո, ինձ համար հինգ հարյուր թերթ անմեղ թուղթ չե՞ս գնի», նա, աչքերը բարձրացնելով դեպի առաստաղ և հայացքի ուղղությամբ տանելով ցուցամատը, պատասխանեց․ «Դուք նկատի ունեք սպիտակ թո՞ւղթ, պարոն Օսկար»։

Ես պնդեցի իմ «անմեղ» բառը և խնդրեցի, որ Բրունոն կրպակում օգտագործի հենց դա։ Վերադառնալով փաթեթով, երեկոյան մոտ, նա աշխատեց ինձ թվալ մտքերով ալեկոծված Բրունո։ Բազմաթիվ անգամ երկար հայացքը պահում էր առաստաղի վրա, որտեղից քաղում էր իր բոլոր հայտնությունները, և քիչ անց արտահայտվեց․ «Դուք ինձ պատշաճ բառ առաջարկեցիք։ Ես այնտեղ անմեղ թուղթ խնդրեցի, և վաճառողուհին գույն տվեց֊գույն առավ ու միայն դրանից հետո կատարեց իմ խնդրանքը»։ Գրենական պիտույքների խանութների վաճառողուհիների մասին երկարատև զրույցից խուսափելով՝ ես զղջացի, որ թուղթն անմեղ եմ անվանել, իսկ հետո լռեցի՝ սպասելով մինչև Բրունոն դուրս գա սենյակից և միայն դրանից հետո բացեցի հինգ հարյուր թուղթ պարունակող փաթեթը։

Ճկուն չենթարկվող փաթեթն իմ ձեռքում երկար չպահեցի և ծանրութեթև չարեցի։ Ես հաշվեցի տասը թերթ, մնացածը թաքցրեցի մահճակալի սեղանիկի դարակում, ինքնահոսը հայտնաբերեցի արկղում՝ լուսանկարների ալբոմի կողքին։ Գրիչը լիցքավորված է, թանաքի պակասություն չի կարող լինել, բայց ինչպե՞ս սկսեմ։

Ցանկության դեպքում պատմությունը կարելի է սկսել մեջտեղից և, խիզախորեն առաջ կամ ետ շարժվելով, բոլորին շփոթեցնել։ Կարելի է աշխատել մոդեռնիստի ոճով․ մերժել բոլոր ժամանակները և տարածությունները՝ հետո հայտնաբերելու համար, որ հենց նոր ի վերջո քեզ հաջողվեց լուծել տարածության և ժամանակի խնդիրը։ Կարելի է հենց առաջին էջերից հայտարարել նաև, որ մեր օրերում ընդհանրապես հնարավոր չէ վեպ գրել, որից հետո հենց սեփական հեղինակությունդ քեզ թիկունք դարձրած՝ մի հզոր գործ ներկայացնես և արդյունքում որպես վերջին ընդունելի վիպասան հանդես գաս։ Ես թույլ կտայի ինձ նաև ասել, որ համեստ է հնչում, երբ դու, որպես սկիզբ, հայտարարում ես, թե այլևս չկան վիպային հերոսներ, քանի որ այլևս չկան անհատականություններ, քանի որ անհատականությունն անվերադարձ կորսված է, քանի որ մարդը միայնակ է, յուրաքանչյուրը հավասարապես միայնակ է և անհատական միայնակության իրավունք չունի և միախառնվում է անանուն ու հերոսականությունից զուրկ միատարր ամբոխին։ Թերևս դա այդպես էլ է և ունի իր հիմնավորումը։ Սակայն ինչ վերաբերում է ինձ՝ Օսկարիս և իմ խնամողին՝ Բրունոյին, կցանկանայի հայտարարել․ մենք երկուսս էլ հերոսներ ենք, բացարձակապես տարբեր հերոսներ ենք․ նա՝ դիտանցքի այն կողմում, ես՝ անցքի դիմաց, և նույնիսկ երբ նա բացում է դուռը, մենք երկուսս, մեր արած ընկերությամբ ու մեր միայնակությամբ հանդերձ, ամենևին էլ անանուն, հերոսականությունից զուրկ ամբոխի չենք վերածվում։

Ես սկսում եմ ավելի վաղ ժամանակից, քանի որ ոչ ոք չի համարձակվի նկարագրել իմ կյանքը, եթե բավականաչափ համբերություն չունի, որպեսզի, նախքան սեփական կեցության դարաշրջանը նախագծելը, չհիշատակի իր պապերի ու տատերի գոնե կեսին։ Դե, ուրեմն, թույլ տվեք ինձ ձեզ բոլորիդ՝ իմ ընկերներին և իմ ամենշաբաթյա այցելուներին, որ իմ բժշկական հիմնարկության պատերից դուրս գտնվելով՝ ստիպված են ապրել խառնաշփոթ կյանքով, ձեզ բոլորիդ, որ նույնիսկ կասկածներ էլ չունեք գրաթղթի վրա արված իմ գրառումների մասին, ներկայացնել Օսկարի մորական տատիկին։

Աննա Բրոնսկի անունով իմ տատը հոկտեմբերյան մի օրվա ավարտին նստած էր կարտոֆիլի դաշտի եզրին։ Հողին նստած էր հենց շրջազգեստներով։ Նախքան ճաշի ժամը կարելի էր հետևել, թե ինչպես է տատս հմտորեն փոցխում թառամած տերևները՝ խնամքով դասավորելով խմբերի, ճաշին մոտ նա կերավ օշարակի մեջ քաղցրացրած մի կտոր ճարպոտ հաց, այնուհետև վերջին անգամ քաղհանեց դաշտը և վերջապես իր շրջազգեստներով նստեց երկու գրեթե բերնեբերան լցված կողովների միջև։ Քթերով միմյանց ուղղված նրա երկարաճիտ կոշիկների ներբանների կողքին ծխում էր տերևների փոքրիկ խարույկը՝ երբեմն ասթմատիկորեն կենդանանալով և ծուխը ջանասիրաբար առաքելով հազիվ նկատելի թեքություն ունեցող երկրակեղևն ի վար։ Իննսունինը թիվն էր, իսկ տատս նստած էր Կաշուբյան երկրամասի հենց սրտում, Բիսաուից ոչ հեռու, և էլ ավելի մոտ Ռամքաուի դիմացի աղյուսի գործարանին, Ֆիրեքից այն կողմ, որտեղ Դիրշաուի և Քարթհաուսի միջև ընկած մայրուղին տանում էր դեպի Բրենթաու։ Նստած էր թիկունքով դեպի սև Հոլդքրուգ անտառը և այրված ընկուզենու այրված ճյուղի ծայրով կարտոֆիլները հրում էր տաք մոխրի տակ։

Եթե ես հենց նոր հատուկ հիշատակեցի իմ տատիկի շրջազգեստը, կարծում եմ՝ լիովին հստակ ասացի․ «Նա նստած էր իր շրջազգեստներով» և նաև գրքիս այս գլուխն անվանեցի «Ընդարձակ շրջազգեստ», նշանակում է՝ գիտեմ, թե ինչով եմ ես պարտական այդ հագուստին։ Իմ տատը մեկ շրջազգեստ չէր կրում, այլ՝ ամբողջ չորսը՝ մեկը մյուսի վրա։ Ընդ որում, նա ոչ թե կրում էր մեկ վերին և երեք ներքին շրջազգեստներ, ոչ, նա կրում էր չորս, այսպես կոչված, վերիններ, ամեն մի շրջազգեստ իր վրա կրում էր հաջորդին։ Տատս չորս շրջազգեստները կրում էր որոշակի համակարգով, համաձայն որի՝ դրանց հաջորդականությունն օրեցօր փոխվում էր։ Այն, ինչ երեկ հագած էր ամենավերևից, այսօր գտնվում էր այդ վերևինի անմիջապես տակը, երկրորդ շրջազգեստը դառնում էր երրորդը։ Երեկվա երրորդ շրջազգեստն այսոր անմիջականորեն հպվում էր մարմնին, իսկ շրջազգեստը, որն երեկ ամենամոտն էր մարմնին, այսօր ցուցադրում էր իր նախշերը, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը․ Աննա Բրոնսկի անունով իմ տատիկի բոլոր շրջազգեստները նախընտրում էին մեկ և միևնույն՝ կարտոֆիլի գույնը։ Այդ գույնը պետք է որ նրան սազեր։

Տատիկիս շրջազգեստները, գույնից բացի, առանձնանում էին կտորի արտառոց չափերով։ Դրանք մերթ կլորանում էին, փոնթ էին տալիս, երբ փչում էր քամին, և կախ էին ընկնում, երբ քամին բացակայում էր, ծածանվում էին, երբ այն կողքով էր անցնում, և բոլոր չորսը թիթեռների պես թռչում էին տատիկիս առջևում, երբ քամին փչում էր թիկունքից։ Իսկ նստելիս նա իր բոլոր շրջազգեստները հավաքում էր իր տակը։

Չորս մշտապես ուռած, թառամած, ծալքերով վայր իջնող կամ դատարկ ցցի պես մահճակալի կողքին կանգնած շրջազգեստներից բացի տատս ուներ նաև հինգերորդը։ Այդ հինգերորդը որոշակիորեն ոչնչով չէր տարբերվում մնացած չորս կարտոֆիլագույններից։ Ընդ որում, ոչ միշտ էր, որ որպես հինգերորդ շրջազգեստ մեկ և միևնույն շրջազգեստն էր ծառայում։ Իր եղբայրակիցների պես, քանզի շրջազգեստները օժտված են տղամարդկային բնավորությամբ, նա ևս ենթակա էր փոխարինման, մտնում էր չորս հագնվողների թվի մեջ։ Մնացած շրջազգեստների նման, երբ գալիս էր իր հերթը՝ այսինքն՝ ամեն հինգերորդ ուրբաթ գնում էր ուղիղ դեպի տաշտակը։ Շաբաթ օրերին կախվում էր խոհանոցի պատուհանի դեմի պարանին, իսկ հետո հայտնվում արդուկի տախտակի վրա։

Երբ տատս այդպիսի մաքրա֊նախապատրաստա֊արդուկային շաբաթ օրերին, կովը կթելուց ու կերակրելուց հետո, ամբողջապես խորասուզվում էր տաշտակային գործերի մեջ, օճառային ինչ֊որ բան էր հաղորդում, այնուհետև ջուրը կրկին թափում, որպեսզի ծաղկավոր սավանի մեջ պարուրված նստի անկողնու ծայրին՝ իր առջևում փռված չորս հագնվող և մեկ թարմ լվացած շրջազգեստների դիմաց։ Տատս աջ ձեռքի ցուցամատը հենում էր աջ աչքի հոնքի ներքևի մասին և ոչ մեկի խորհուրդը չէր լսում, նույնիսկ իր եղբայր Վինցենտի և այդ իսկ պատճառով արագ որոշում էր կայացնում։ Ոտաբոբիկ կանգնած, նա ոտքերի մատներով մի կողմ էր հրում այն շրջազգեստը, որը մնացածներից առավել էր կորցրել կարտոֆիլի գույնի փայլը, իսկ ազատված տեղը զբաղեցնում էր թարմ լվացածը։

Ի փառս Հիսուսի, ում մասին տատս ուներ հստակ պատկերացումներ, կիրակի առավոտյան Ռամքաուի եկեղեցի ուղևորվելու համար նա թարմացնում էր շրջազգեստների հաջորդականությունը։ Իսկ ե՞րբ էր տատս կրում լվացած շրջազգեստը։ Նա ոչ միայն մաքրասեր, այլև սնափառ կին էր, այդ իսկ պատճառով լավագույն շրջազգեստը ցուցադրաբար կրում էր լավ եղանակին, արևին։

Երկուշաբթի կեսօրից հետո էր, երբ իմ տատը նստած էր իր խարույկի մոտ, որի մեջ խորովվում էր կարտոֆիլը, կիրակնօրյա շրջազգեստը դարձել էր իրեն մեկ շերտով ավելի մոտ, իսկ այն շրջազգեստը, որը կիրակի օրը տաքանում էր նրա մաշկի ջերմությամբ, երկուշաբթի օրը՝ հավուր պատշաճի, խամրած տեսքով գրկել էր նրա ազդրերը։ Տատս ինչ֊որ բան էր սուլում, բայց ոչ երգ և միաժամանակ կաղնե ցախի մոխրի միջից դուրս էր քաշում առաջին խորովված կարտոֆիլը։ Կարտոֆիլը տատս դրեց մի կողմ, ծխացող տերևների մոտ, որպեսզի քամին կարողանա այն սառեցնել։ Այնուհետև սուր ճյուղը ծակեց փոքր֊ինչ այրված, կեղևը պայթած կարտոֆիլի պատառը, և տատս այն մոտեցրեց բերանին և դադարեց սուլել։ Դրա փոխարեն նա սկսեց փչելով մաքրել մոխիրն ու հողը ճաքճքած շուրթերի արանքում սեղմված կեղևի վրայից։ Այդ պահին տատիկս կկոցեց աչքերը։ Հետո միայն, որոշելով, որ փչել մաքրել է որքան հարկն է, նա բացեց նախ մեկ, հետո մյուս աչքը, կծեց կարտոֆիլը նոսր կտրիչներով, կրկին դադարեց ատամներով սեղմել։ Ալյուրաշատ և չափազանց տաք ու գոլորշի արձակող կարտոֆիլի կեսը պահելով բաց բերանի մեջ, տատս կլորացած աչքերով նայում էր մինչև հորիզոնն ընկած դաշտին, այն հատող հեռագրասյուներին ու աղյուսի գործարանի ծխնելույզի վերին մասին։

Հեռագրասյուների արանքում ինչ֊որ բան էր շարժվում։ Տատիկս փակեց բերանը, սեղմեց շուրթերը, կկոցեց աչքերը և ծամեց կարտոֆիլը։ Ինչ֊որ բան էր շարժվում հեռագրասյուների արանքում։ Ինչ֊որ բան ցատկեց այնտեղ։ Երեք տղամարդ ցատկեցին դեպի ծխնելույզը, հետո վազքով անցան նրա դիմացից, իսկ մեկը՝ տեսքից կարճ ու հաստլիկ, շրջվեց և արագ վազքով կրկին կտրեց անցավ դարսած աղյուսների շարքերի միջով, իսկ երկու ուրիշներ՝ նիհար ու բարձրահասակ, ոչ առանց դժվարության անցան աղյուսների միջով ու կրկին արագ վազեցին սյուների արանքով։ Հաստլիկն ու կարճլիկը նապաստակի պես ոլոր֊մոլոր վազում էր և ակնհայտորեն ավելի շատ էր շտապում, քան նիհարները, և վերջինները ստիպված էին կրկին նետվել ծխնելույզի կողմը, որովհետև կարճլիկն արդեն անցել էր նրա միջով, մինչ իրենք դեռ միայն արագություն էին հավաքում։ Հանկարծ նրանք անհետացան՝ ասես մտքափոխ եղան, և կարճլիկը, ցատկելով ծխնելույզից, ընկավ հորիզոնից այն կողմ։

Նրանք բոլորն այնտեղ մնացին և ընդմիջում տվեցին կամ, հնարավոր է, զգեստափոխվեցին, կամ սկսեցին շարել թարմ աղյուսները՝ դրա համար վճար ստանալով։

Իսկ երբ իմ տատը ցանկացավ օգտվել ընդմիջումից և ճեղքել երկրորդ կարտոֆիլը, նա վրիպեց։ Որովհետև նա, որը հաստլիկ էր ու կարճլիկ, նույն տեսքով հայտնեվեց հորիզոնի վրա՝ երևի թե երկու հետապնդողներին թողնելով ցանկապատի այն կողմում, աղյուսների կամ Բրենաու տանող կամրջի մոտ։ Նա անցավ այս կողմ, սակայն, միևնույն է, շատ էր շտապում, ուզում էր հասնել և ետևում թողնել հեռախոսասյուները, երկար, դանդաղեցված ցատկելով դաշտի միջով, այնպես որ նրա ոտքերից այս ու այն կողմ էին թռչում ցեխի կտորներ, իսկ ինքը անձամբ այդ ցեխից մի կողմ էր թռչում և ինչպես որ թափով էր թռչում, այդ նույն համառությամբ էլ անցնում էր կավի վրայով։ Երբեմն թվում էր, թե նա անշարժանում է օդի մեջ, ճիշտ այնքան, որքան ժամանակը նրան կբավարարի։ Կարճլիկը սրբեց ճակատը, նախքան մի ոտքով կրկին այդ թարմ հերկած հողին հենվելը, որն իր բոլոր ակոսների և կարտոֆիլի իր հինգ կույտերի հետ միասին գլորվեց դեպի ձորակ։

Եվ կարճլիկը հասավ ձորակին, սակայն այնտեղ էլ անհետացավ, երբ նիհար ու բարձրահասակ երկու մյուսները, որոնք հավանաբար այդ ժամանակահատվածում հասցրել էին զննել աղյուսի գործարանի ներսը, նունպես մագլցեցին և անցան հորիզոնի գիծը։ Նրանք սկսեցին խրվել կավի մեջ, ինչի պատճառով իմ տատը կրկին չկարողացավ ճեղքել կարտոֆիլը, որովհետև ամեն օր չէ, որ կարելի է տեսնել, թե ինչպես երեք չափահաս մարդիկ, տարբեր բոյերի, վազում են հեռագրասյուների միջով և քիչ է մնում կոտրեն աղյուսի գործարանի ծխնելույզը։

Հետո մեկը մյուսի հետևից՝ նույն դժվարությամբ, կրունկների վրա ավելի ու ավելի շատ կավ քարշ տալով, ցատկոտում են Վինցենտի երկու օր առաջ հերկած դաշտի միջով ու անհետանում ձորակի մեջ։

Շուտով բոլոր երեքը անհետացան, և իմ տատիկը վերջապես կարող էր շունչ քաշել և ճեղքել արդեն գրեթե սառած կարտոֆիլը։ Նա անփութորեն մաքրեց կեղևի միայն հողն ու մոխիրը, կարտոֆիլն ամբողջությամբ մտցրեց բերանը և մտածեց (եթե կարելի է այդպես ասել), որ այդ երեքը երևի թե աղյուսագործներ էին։ Տատս սկսեց շարժել ծնոտը, երբ մեկը դուրս թռավ ձորակից, սև բեղերից վեր փայլում էին վայրի աչքերը, երկու ցատկով հայտնվեց խարույկի մոտ, դես ու դեն նետվեց, հայհոյեց, վախից դողաց, չգիտեր ուր փախչի․ ետ չի կարելի, որովհետև ետևում ձորակից մոտենում էին նիհար ու բարակ այն երկուսը։ Նա ընկավ ծնկների վրա, և նրա աչքերը քիչ մնաց դուրս թռչեն բներից, և ճակատին քրտինք տվեց։ Խեղդվելով, դողացող բերանով, նա սողաց ավելի մոտ, հասավ տատիս ներբաններին, ինչպես մի փոքրիկ գազան՝ նայեց նրան, այնպես, որ տատս հոգոց հանեց, դադարեց ծամել, ներբանները իջեցրեց գետնին, այլևս չմտածելով ո՛չ գործարանի, ո՛չ աղյուսների, ո՛չ դարսողների մասին, այլ ուղղակի բարձրացրեց շրջազգեստը, ոչ, միանգամից բոլոր չորսը։ Բարձրացրեց այնքան, որ կարճլիկը կարողանար ծլկել դրանց տակ, բոլոր չորսի տակ։ Եվ նա անհետացավ իր բեղերի հետ մեկտեղ և այլևս նման չէր գազանի։ Նա Ռամքաուից չէր և ոչ էլ Ֆիրեքից, այլ՝ իր սարսափի հետ մեկտեղ, շրջազգեստի տակ էր և այլևս ծնկների վրա չէր ընկնում։ Կարճլիկը զբաղեցրեց իր տեղը, մոռացավ դողի մասին, և լռություն տիրեց։ Ինչպես նախորդ օրը թույլ քամին խաղում էր տերևուքի մեջ, հեռախոսասյուներն ասես միմյանց ձայն էին տալիս, աղյուսի գործարանի ծխնելույզները վերադարձան սկզբնական դիրքին, իսկ իմ տատը, երկրորդի վրայով խոհեմաբար հարթեց առաջին շրջազգեստը, հետո չորրորդը և նոր երրորդը և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ նոր ու զարմանալի բան է կատարվում այնտեղ՝ իր մաշկի հետ։ Դա զարմանալի էր, չնայած վերևում ամեն ինչ միանգամայն բարեվայելուչ էր։ Տատս մոխրի միջից դուրս քաշեց երկու֊երեք կարտոֆիլ, աջ արմունկի տակի զամբյուղից հանեց չորս հում կարտոֆիլ, դրանք հերթով մեկ առ մեկ, մտցրեց տաք մոխրի մեջ, վերևից էլ տաք մոխիր ավելացրեց և խառնեց, ինչից խարույկը կրկին սկսեց ծխալ՝ էլ ի՞նչ էր մնում նրան անել։

Սակայն հենց նոր էին տատիկիս շրջազգեստները հանգստացել, հենց նոր էր նա նեխած տերևների խիտ ծուխը դարձյալ ուղղել դեպի հարավ֊արևմուտք, երբ ձորակից դուրս պրծան նիհար ու բարձրահասակ այն երկուսը, որոնք հետապնդում էին կարճլիկին, որը ներկայումս կենում էր շրջազգեստների տակ։ Պարզվեց, որ նիհար ու բարձրահասակները, ըստ ծառայության պատկանելության, կրում են դաշտային ոստիկանության համազգեստ։

Նրանք փամփուշտի պես սլացան տատիս մոտով։ Կարծես նրանցից մեկը թռավ խարույկի վրայով։ Սակայն նրանք հանկարծակի ուշքի եկան, արգելակեցին իրենց երկարաճիտ կոշիկների կրունկներով, շրջվեցին, կոշիկներով դոփեցին, հետո հայտնվեցին ծխի մեջ։ Հազալով, նրանք համազգեստներն ազատեցին ծխից և, ծուխը տանելով իրենց հետևից, խոսակցություն սկսեցին իմ տատիկի հետ։ Նրանք հետաքրքրվեցին, թե չի՞ տեսել նա արդյոք, Կոլյաչեկին, քանի որ անպայման պետք է տեսած լիներ նրան՝ նստած լինելով այստեղ՝ ձորակի մոտ։ Կոլյաչեկը հենց ձորակով հեռացավ։

Իմ տատիկը ոչ մի Կոլյաչեկ չէր տեսել, որովհետև ոչ մի Կոլյաչեկի չի ճանաչում։ Նա հարցրեց, թե աղյուսի գործարանից չի՞ արդյոք նա պատահաբար, քանի որ այնտեղի աշխատողներից բացի ինքը ուրիշնեին չգիտի։ Համազգեստավորները նրան նկարագրեցին Կոլյաչեկին՝ մարդու, որն աղյուսի գործարանի հետ կապ չունի, իսկ արտաքնապես կարճ է ու հաստլիկ։ Տատս հիշեց, որ կարծես թե տեսել է, թե ինչպես այդպիսի մեկն այստեղով վազեց և սուր ոստի վրա խրած ծխացող կարտոֆիլով ցույց տվեց փախուստի ուղղությունը դեպի Բիսաու։ Եթե հավատանք կարտոֆիլին, այն ընկած էր գործարանից հաշված, վեցերորդ ու յոթերորդ սյուների միջև։ Սակայն այդ վազողը Կոլյաչեկն էր, թե ոչ՝ իմ տատիկը չգիտեր, նա ներողություն խնդրեց իր անտեղյակության համար՝ մեղքը գցելով ծխացող խարույկի վրա։ Հոգսը շատ է, խարույկն էլ հազիվ է այրվում, ահա թե ինչու նրան չեն հետաքրքրում մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում։ Նա գիտի միայն նրանց, ովքեր Բիսաուից, Ռամաքուից, Ֆիրեքից են կամ աղյուսի գործարանից, իրեն դա էլ բավարար է։

Ասելով այս խոսքերը տատս հոգոց հանեց թեթևակի, սակայն բավականաչափ բարձր, այնպես որ համազգեստավորները հետաքրքրվեցին, թե ինչն է նրա հոգոցի պատճառը։ Նա գլխի շարժումով ցույց տվեց դեպի խարույկը, իբր հոգոց է հանում թույլ կրակի համար և մի քիչ էլ՝ ծխի միջի մարդկանց համար։ Հետո նա՝ իր սակավաթիվ կտրիչներով կծելով կարտոֆիլի կեսը, ամբողջապես տրվեց ծամելուն, իսկ աչքերի խնձորակները տարավ դեպի վեր ու ձախ։

Դաշտային ոստիկանության համազգեստավորները հաստատապես չէին կարողանում հասկանալ տատիս անտարբեր հայացքը, չգիտեին՝ արժե՞, արդյոք, փնտրել հեռախոսասյուներից այն կողմ Բիսաուի ուղղությամբ և այդ պատճառով ժամանակ առ ժամանակ իրենց կարաբիններով խփում էին կողքը գտնվող դեռ չայրված տերևուքի կույտերին։ Այնուհետև՝ հետևելով հանկարծահաս մղումին, միանգամից շուռ տվեցին երկու լի կողովները, որոնք դրված էին տատի արմունկների տակ, և ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչու կողովներից իրենց ոտքերի տակ գլորվեցին բացառապես կարտոֆիլներ, և ոչ մի Կոլյաչեկ։ Անվստահությամբ լցված, նրանք անցան կարտոֆիլի ծղոտով ծածկված կույտերի միջով, կարծես Կոլյաչեկը կարող էր այդքան կարճ ժամանակահատվածում ծածկվել ձմեռվա համար նախապատրաստած ծղոտով, նրանք արդեն խփում էին նպատակաուղղված, սակայն այդպես էլ ոչ մի ճիչ չլսեցին։ Նրանց կասկածներն ուղղված էին նույնիսկ դեպի ամենախղճուկ թուփը, յուրաքանչյուր մկան բնիկը, դեպի կուղբերի թմբերը և կրկին ու կրկին՝ դեպի իմ տատը, որը նստել էր կարծես այդ տեղին սերտաճած, ախ ու վախ էր անում, պտտում էր աչքերը, սակայն այնպես, որ սպիտակուցը մնա տեսանելի, թվարկում էր կաշուբացի բոլոր սրբերի անունները, սակայն թույլ ծխացող խարույկը և շուռ տված երկու զամբյուղները հազիվ թե կարողանային բացատրել նրա չափից դուրս ողբալի և չափից դուրս բարձր հոգոցները։

Համազգեստավորները մոտ կես ժամից ոչ պակաս մնացին տատիկի կողքին կանգնած։ Երբեմն նրանք կանգնում էին քիչ հեռվում, երբեմն կրակին ավելի մոտ, աչքաչափով մոտավորապես հաշվարկում էին մինչ աղյուսի գործարանի ծխնելույզը ընկած տարածությունը, ուզում էին գրոհել նաև Բիսաուն, սակայն հետաձգեցին հարձակումը։ Նրանք կրակի վրա պահեցին կիսակապտած ձեռքերը, մինչև չստացան իմ տատիկից, որը նախկինի պես անընդհատ հոգոց էր հանում, յուրաքանչյուրը մեկական ճաքած կարտոֆիլ փայտիկի վրա։ Սակայն ծամելու գործընթացի ժամանակ համազգեստավորները մտաբերեցին, որ համազգեստներ են կրում և դաշտի միջով վազեցին ձորակի եզրի որոճի ցողունների արանքով, վախեցրին նապաստակին, որը նույնպես Կոլյաչեկ չէր։ Կրակի մոտ նրանք կրկին հայտնաբերեցին ալյուրոտ տաք գոլորշի արձակող կարտոֆիլներ և, խաղաղասիրությունից դրդված, որոշակի ներքին դիմադրությունը հաղթահարելով, որոշում ընդունեցին հում կարտոֆիլները կրկին ետ գցել կողովների մեջ, որոնց շրջելը իրենց պարտքն էր եղել։

Միայն երբ երեկոն հոկտեմբերյան երկնքից տեղաց բարակ, շեղ անձրևը, և իջավ թանաքագույն աղջամուղջը, նրանք անշտապ և առանց որևէ ցանկության հարձակում գործեցին հեռվում՝ խավարի մեջ ուրվագծվող մի ժայռաքարի վրա, սակայն այդ հարձակումից հետո հրաժարվեցին հետագա փորձերից։ Էլի մի կարճ ժամանակ ոտքից ոտք փոխվելով՝ ձեռքերը օրհնանքի շարժումով պահեցին ամեն ուղղությամբ ծուխ արձակող խարույկի վրա, էլի հազացին կանաչ ծխից, դեղին ծխից աչքերը լցվեցին արտասուքով, ապա՝ հազոցով ու արցունքներով, ճտքակոշիկներն ուղղեցին դեպի Բիսաու։ Քանի որ Կոլյաչեկը այստեղ չէ, նշանակում է Բիսաուում է։ Դաշտային ոստիկանները մշտապես գիտեն միայն երկու հնարավորություն։

Դանդաղ մահացող կրակի ծուխը պարուրեց իմ տատիկին՝ ասես որպես հինգերորդ շրջազգեստ՝ այն աստիճան ընդարձակ, որ տատը՝ հոգոցներով և բոլոր սրբերի անունները շուրթերին, նույնպես հայտնվեց իր չորս շրջազգեստների տակ, ինչպես Կոլյաչեկը։ Միայն երբ համազգեստավորները վերածվեցին հեռվում թռչկոտող կետերի, որոնք դանդաղ հեռանում են դեպի հեռախոսասյուների միջև ընկած երեկոն, տատիկը ոտքի կանգնեց։ Այն էլ այնպիսի դժվարությամբ, կարծես այդ ժամանակահատվածում հասցրել էր արմատներ գցել, իսկ այժմ իր ետևից տանելով արմատները և հողագնդերը, ասես ընդհատում էր դրանց նոր սկսած աճը։

Կոլյաչեկը սկսեց մրսել, երբ անսպասելիորեն իր ծածկոցից զրկված, հայտնվեց անձրևի տակ՝ կարճլիկ ու հաստ։ Նա շուտափույթ կոճկեց շալվարը, որի բացվելը թելադրված էր մեծ վախով և թաքստոց մտնելու անսահման պահանջով։ Շատ արագ սառչելուց զգուշանալով՝ նա մատներով հապշատապ վազեց կոճակների վրայով, քանի որ նման եղանակին հեշտից էլ հեշտ է աշնանային մրսածություն ձեռք բերել։

Իմ տատը մոխրի տակ հայտնաբերեց ևս չորս տաք կարտոֆիլ։ Դրանցից երեքը նա տվեց Կոլյաչեկին, մեկը ինքը կծեց և էլի հարցրեց՝ արդո՞ք աղյուսի գործարանից չէ այդ մարդը, թեև կարող էր արդեն հասկացած լինել, որ Կոլյաչեկը հայտնվել է ոչ աղյուսի գործարանից, այլ մեկ ուրիշ տեղից։ Հետո նա, ուշադրություն չդարձնելով վերջինի պատասխանի վրա, նրա վրա դրեց ավելի թեթև կողովը, իսկ ինքը կքվեց այն մեկի տակ, որն ավելի ծանր էր։ Տատի մի ձեռքը ազատ մնաց փոցխերի և բրիչի համար, և նա, իր չորս շրջազգեստների մեջ կողովը, կարտոֆիլը, փոցխերը և բրիչը թափ տալով, շարժվեց Բիսաու֊Աբբաուի ուղղությամբ։ Ըստ էության դա բուն Բիսաուն չէր։ Դա ավելի շուտ Ռամքաուի ուղղություն էր։ Աղյուսի գործարանը մնաց ձախ կողմում, իսկ իրենք շարժվեցին դեպի սև անտառը, որտեղ գտնվում էր Գոլդկրուգը, և հետո արդեն գալիս էր Բրենթաուն։ Սակայն անտառի դիմացի ձորակում էլ ընկած էր Բիսաու֊Աբբաուն։ Հենց այստեղ էլ իմ տատի ետևից գնաց կարճլիկ ու հաստ Յոզեֆ Կոլյաչեկը, որն այլևս չէր կարող բաժանվել չորս շրջազգեստներից։

Լաստի տակ

Ամենևին հեշտ չէ այստեղ՝ Բրունոյի աչքով զինված ապակե դիտանցքի նշանառության տակ, հատուկ բժշկական հիմնարկության՝ օճառով լվացված, մետաղյա մահճակալի վրա պառկած վերարտադրել կաշուբյան այրվող տերևների տակի ծխի երիզները և հոկտեմբերյան անձրևի ցանցը։ Եթե մոտս չլիներ իմ թմբուկը, որը, հմուտ և համբերատար վերաբերմունքի դեպքում, երկրորդական մանրուքներից կվերհիշի ամեն անհրաժեշտը՝ թղթի վրա գլխավորը արտացոլելու համար, և եթե ես չունենայի հիմնարկության թույլտվությունն առ այն, որ օրական երեքից չորս ժամ կարող եմ խոսքը տրամադրել իմ թիթեղատուփին, ես կլինեի դժբախտ մարդ՝ առանց փաստացի հաստատված տատի ու պապի։

Ամեն դեպքում իմ թմբուկն ասում է․ իննսունինը թվի այն հոկտեմբերյան օրը, երբ քեռի Կրյուգերը Հարավային Ամերիկայում խոզանակի օգնությամբ փոմփոշացնում էր թփուտների նմանվող իր անգլատյաց հոնքերը, Դիրշաուի և Կարթհաուսի մոտակայքում, Բիսաուի աղյուսի գործարանից ոչ հեռու՝ չորս միագույն շրջազգեստների տակ, խեղդող ծխի, վախերի, տնքոցների մեջ, շեղ անձրևի և սրբերի բարձրագույն հիշատակման ուղեկցությամբ, թուլամիտ հարցուփորձերի և երկու դաշտային ոստիկանների ծխով պատված հայացքների ներքո կարճլիկ, բայց հաստ Յոզեֆ Կոլյաչեկը սաղմնավորեց իմ մորը՝ Ագնեսին։ Աննա Բրոնսկին, իմ տատը, այդ գիշերվա սև ծածկոցի տակ հասցրեց նաև փոխել անունը․ նա թույլ տվեց, որպեսզի սուրբ ընծաները շռայլորեն մսխող վանականի ջանքերով իրեն վերանվանեն Աննա Կոլյաչեկ և իր Յոզեֆի հետ գնաց թող որ ոչ Եգիպտոս, բայց գավառի կենտրոնական քաղաքը՝ Մոթլաու գետի վրա, որտեղ Յոզեֆը գտավ լաստավարի աշխատանք և, որոշ ժամանակով, ապաստան ոստիկաններից։

Միայն այն միտումով, որպեսզի որոշ չափ մեծացնեմ լարումը, առայժմ չեմ տալիս Մոթլաուի գետաբերանում տեղակայված քաղաքի անունը՝ չնայած այն միանգամայն արժանի է հիշատակման՝ առնվազն որպես մի վայր, որտեղ ծնվեց իմ մայրիկը։ Երբ զրո֊զրո թվի հուլիսի վերջին մոտ՝ հենց այդ ժամանակ, ընդունվեց ռազմական նավատորմի շինարարության կայսերական ծրագիրը կրկնապատկելու որոշումը՝ Առյուծի կենդանակերպի տակ լույս աշխարհ եկավ իմ մայրիկը։ Իր հանդեպ հավատ և երազկոտություն, մեծահոգություն և փառամոլություն։ Առաջին տունը, որն անվանում էին նաև Domus vitae,[1] նախնիների կենդանակերպի տակ՝ դյուրազգաց ձկներ։

Արեգակի ընդդիմադիր լինելը Նեպտունի հանդեպ, ինչպես նաև յոթերորդ տունը՝ Somus matrimonil uxoris[2] բարդություններ էին խոստանում։ Վեներան ընդդիմության մեջ է Սատուրնի հանդեպ, որը, որքանով հայտնի է, բերում է լյարդի ու փայծաղի հիվանդություն, անվանվում է «թթու» մոլորակ, որն իշխում է Այծեղջյուրում և պարտությունը տոնում՝ Առյուծում, որը Նեպտունին օձաձկներ է հյուրասիրում, իսկ փոխարենը՝ կուղբ ստանում, որը սիրում է բալենի, սոխ, ճակնդեղ և լավա է արտանետում, իսկ գինին թթվացնում է։ Վեներայի հետ համատեղ նա կենում էր ութերորդ տանը, մահվան տանը, դժբախտության մասին մտքեր էր ներշնչում, այն ժամանակ, երբ կարտոֆիլի դաշտում բեղնավորումը խոստանում էր ազգականների տանը հանդգնության աստիճանի երջանկություն՝ Մերկուրիի հովանավորության ներքո։

Այստեղ ես պետք է ներկայացնեմ մայրիկիս բողոքը, ով բոլոր ժամանակներում վճռականորեն ժխտում էր, որ սաղմնավորվել է կարտոֆիլի դաշտում։ Ճիշտ է, նա ընդունում էր, որ իր հայրը դեռ այնտեղ նախաձեռնեց առաջին փորձերը, սակայն նրա բուն վիճակը, ինչպես նաև Աննա Բրոնսկու բռնած դիրքը, չափազանց անհաջող էին ընտրված, որպեսզի Կոլյաչեկի համար ստեղծեն բեղմնավորման համար անհրաժեշտ պայմաններ։

«Դա պետք է որ տեղի ունեցած լիներ փախուստի գիշերը կամ Վինցենտ քեռու սայլի վրա, կամ վերջապես Տրոիլում, երբ մենք ձուլագոծների մոտ ապաստան գտանք»։

Այսպիսի խոսքերով էր մայրիկս սովորաբար հիմնավորում իր ծագման թվագրումը, և տատիկս, որը դա ավելի լավ պետք է գիտենար, հեզորեն գլխով էր անում և հայտնում աշխարհին․ «Իհարկե, փոքրիկս, դու ճիշտ ես, կա֊չկա դա սայլի վրա է եղել կամ վերջապես Տրոիլում, միայն թե ոչ դաշտում․ այդ ժամանակ և՛ քամի էր փչում, և՛ անձրև էր թափվում ինչպես դույլից»։

Վինցենտը տատիկիս եղբայրն էր։ Կնոջ վաղ մահվանից հետո նա ուխտագնացություն կատարեց դեպի Չենշտոխալու և Չենշտոխովյան Մատակա Բոսկան կարգադրեց նրան՝ իրեն որպես Լեհաստանի ապագա թագուհի ճանաչել։

Այդ ժամանակից ի վեր Վինցենտը զբաղված էր միայն նրանով, որ փորփրում էր արտասովոր գրքերը՝ յուրաքանչյուր արտահայտության մեջ գտնելով Լեհական գահին Աստվածամոր իրավունքների հաստատումը՝ իր քրոջը թողնելով տնամերձի և դաշտի բոլոր հոգսերը։ Վինցենտի որդին՝ Յանը, որն այդ ժամանակ չորս տարեկան էր, թուլակազմ, լացկան երեխա, սագերին էր արածացնում, հավաքում խայտաբղետ նկարներ և, զարմանալիորեն վաղ, փոստային դրոշմանիշներ։

Ահա հենց այդ տունն էր, որն օրհնված էր Լեհաստանի երկնային թագուհու կողմից, և ուր տատիկս հասցրեց կարտոֆիլով լի զամբյուղները, և դրա հետ միասին՝ Կոլյայչեկին։ Վինցենտը ևս իմացավ, թե ինչ է տեղի ունեցել, իսկ իմանալով՝ սլացավ դեպի Ռամքաու և այնտեղ սկսեց թմբկահարել նոտարի դուռը, որպեսզի նա, զինվելոով իր սուրբ ընծաներով, դուրս գար և նշաներ կույս Աննա Յոզեֆին։ Դեռ չէր հասցրել Աստծո քնաթաթախ սպասավորն անել իր օրհնությունը, որը չափից դուրս երկարեց անսանձելի հորանջի պատճառով, և, պարգևատրվելով խոզաճարպի լավ պատառով, հանդիսատեսների կողմը շրջել իր սուրբ թիկունքը, երբ Վինցենտը լծեց իր զամբիկը և նորապսակներին տեղավորեց ծղոտի ու դատարկ պարկերի վրա։ Մրսած ու թնկթնկացող Յանին նստեցրեց իր կողքը, աթոռակի վրա, որից հետո ձիուն հասկացրեց, որ գնա՝ ոչ մի տեղ չթեքվելով, ուղիղ դեպի գիշերը․ նորապսակները շտապում էին։

Դեռևս մութ, սակայն արդեն բավականաչափ նահանջող գիշերվա միջով մեր ուղևորները հասան փայտի նավահանգիստ, որը գտնվում էր գավառի կենտրոնական քաղաքում։ Ընկերները, որոնք Կոլյայչեկի նման լաստառաքիչներ էին, ընդունեցին փախստական զույգին։ Վինցենտը կարող էր իր ձին շրջել ու քշել ետ՝ դեպի Բիսաու, կովը, այծը, խոզը՝ իր խոճկորներով, սագերը և բակի շունը սպասում էին, թե երբ կեր կհասցնեն իրենց, իսկ որդի Յանը պետք է պառկեցվեր անկողին, որովհետև ջերմություն ուներ։

Կոլյայչեկը թաքնվեց երեք շաբաթ, իսկ մազերը սովորեցրեց այլ սանրվածքի՝ մեջտեղի բացվածքով, սափրեց բեղերը, ձեռք բերեց անթերի փաստաթղթեր և Յոզեֆ Վրանկա անվամբ ստացավ լաստավարի աշխատանք։ Իսկ ինչո՞ւ Կոլյայչեկին հարկ եղավ անտառավաճառներին և փայտի սղոցարանների տերերին ներկայացնել Վրանկայի անունով գրված փաստաթղթերը՝ մարդ, որին ծեծկռտուկի ժամանակ լաստից ցած էին նետել Մոդլին բնակավայրի մոտ՝ Բուգ գետի ներքին հոսանքում, ինչից տեղյակ չէր ղեկավարությունը։ Բանն այն է, որ Կոլյայչեկը, որը որոշ ժամանակ առաջ լքել էր լաստառաքիչի գործը և աշխատում էր Շվեցից ոչ հեռու սղոցարանում, ընդհարվել էր վարպետի հետ իր՝ Կոլյայչեկի կողմից ներկված ցանկապատի սպիտակակարմրավուն գույնի համար։[3] Եվ որպեսզի որոշակի ձևով համոզվածություն հաղորդի իր թունդ հայհոյանքներին, տերը ցանկապատից պոկեց երկու տախտակ, մեկը՝ կարմիր, մյուսը՝ սպիտակ։ Զուտ լեհական տախտակներով կակղեցրեց Կոլյայչեկի կոշուբյան թիկունքը, ինչի արդյունքում առաջացան խարույկի համար պիտանի այնքան տաշեղներ, որ ծեծվածն իրեն բացարձակապես իրավասու համարեց հենց հաջորդ պարզկա աստղային գիշերը կրակ գցել նորակառույց և սպիտակեցված սղոցարան՝ ի փառս մասնատված Լեհաստանի միավորման։

Այսպիսով, Կոլյայչեկը հրձիգ էր, անգամ բազմահրձիգ, քանզի դրան հաջորդած ժամանակահատվածում Արևմտյան Պրուսիայի ողջ տարածքի սղոցարաններն ու պահեստները ազգային զգացմունքների երկերանգության համար որպես հրաշալի տաշեղներ էին օգտագործվում։ Եվ, ինչպես ամեն անգամ, երբ խոսք էր լինում Լեհաստանի ապագայի մասին, այդ երկու հրդեհների ժամանակ էլ Կույս Մարիամը լեհերի կողմն էր։ Կան նույնիսկ ականատեսներ, ընդ որում ոմանք, հնարավոր է, ողջ են մինչ օրս, ովքեր մի շարք այրվող սղոցարանների փայտամածերի վրա իրենց սեփական աչքերով տեսել են թագը գլխին Աստվածամորը։ Իսկ ամբոխը, որը մշտապես կուտակվում էր մեծ հրդեհների ժամանակ, իբր թե բազմաձայն օրհներգ էր երգում ի փառս Աստվածածնի՝ Աստծո Մոր․ սրանից դժվար չէ ենթադրություն անել, որ կոլյայչեկյան հրդեհների ժամանակ տիրում էր հանդիսավոր իրավիճակ, և երդումներ էին տրվում։

Եվ որքան ծանրացած էր անցյալը փնտրվող հրձիգ Կոլյայչեկի վրա, այնքան անարատ, անոթևան, անվնաս, փոքր֊ինչ սահմանափակ, աշխարհում ոչ մեկի կողմից չորոնվող, գրեթե բոլորին անծանոթ էր լաստավար Յոզեֆ Վրանկան, որը պարբերաբար իր ծամելու թութունը բաժանում էր ամենօրյա չափաբաժինների, այնքան ժամանակ, քանի դեռ Բուգ գետը չընդունեց նրան իր ջրերի մեջ, իսկ թութունի երեք օրական բաժինները մնացին նրա բաճկոնի գրպանում, փաստաթղթերի հետ միասին։ Քանի որ ջրում խեղդված Վրանկան ոչ մի դեպքում չէր կարող կրկին հայտնվել, և ոչ ոք ոլոր֊մոլոր հարցեր չէր տալիս նրա անհետացման կապակցությամբ, Կոլյայչեկը, որն ուներ մոտավորապես նույն կազմվածքը և նմանապես կրորագլուխ էր, ինչպես և խեղդվածը, սկզբում մտավ նրա բաճկոնի մեջ, այնուհետև, նրա պաշտոնական փասթաթղթային անբասիր անցյալով կերպարի մեջ, ետ վարժվեց ծխամորճ ծխելուց, անցավ թութուն ծամելուն, փոխ առավ նույնիսկ Վրանկայի զուտ անձնական հատկանիշները, օրինակ՝ արտասանության թերությունները, և հետագա բոլոր տարիներին ներկայացրեց հուսալի, խնայող, փոքր֊ինչ կակազող լաստավարի, որը Նեմանի, Բոբիի, Բուգի և Վայքսելի ափերից ջրով լողալու էր ուղարկում ամբողջ անտառներ։ Մնում է միայն ավելացնել, որ այդ Վրանկան Լեյբ֊հուսար թագաժառանգի մոտ, Մաքքենզիների գլխավորությամբ, ծառայելով հասավ եֆրեյտորի կոչման, քանի որ իսկական Վրանկան դեռ ծառայության մեջ չէր եղել, այն դեպքում, երբ Կոլյայչեկը, որը չորս տարով ավելի մեծ էր, քան խեղդվածը, արդեն հասցրել էր իրեն շատ վատ դրսևորել Թորնի հրետանավորների մոտ։

Բոլոր ավազակների, մարդասպանների և հրձիգների առավել վտանգավոր մասը, դեռ կողոպտելը, սպանելը և հրդեհելը չդադարեցրած, սպասում է, թե երբ հնարավորություն կընձեռվի զբաղվել առավել պատվաբեր գործով։ Եվ շատերին նման հաջողություն ներկայանում է՝ երբեմն այն, ինչ փնտրում էին, երբեմն պատահական։ Կոլյայչեկը՝ դառնալով Վրանկա, միաժամանակ դարձավ լավ և իր կրակե արատից այն աստիճան բուժված ամուսին, որ դողոցքի էր հասնում նույնիսկ սովորական լուցկու տեսքից։ Լուցկու տուփերը, որոնք ազատ ու անխռով դրված էին խոհանոցի սեղանի վրա, ոչ մի անգամ ապահովագրված չէին նրա ոտնձգություններից՝ չնայած թվում էր, թե հատկապես նա է ընդունակ լուցկի հորինել։ Նման գայթակղությունը նա դուրս էր նետում լուսամուտից։ Տատիկս ստիպված էր շատ ջանք թափել, որպեսզի տաք ճաշը ժամանակին դնի սեղանին։ Երբեմն ընտանիքը ընդհանրապես նստում էր խավարի մեջ, որովհետև կերոսինի լամպը մնում էր առանց կրակի։

Եվ, այնուամենայնիվ, Վրանկան ամենևին էլ բռնապետ չէր։ Կիրակի օրերը նա իր Աննային տանում էր եկեղեցի՝ Ներքին քաղաք, ընդ որում թույլ էր տալիս նրան, որպես պաշտոնապես նշանված, հագնել, ինչպես այն ժամանակ, կարտոֆիլի դաշտում, չորս շրջազգեստ, մեկը մյուսի վրայից։ Ձմռանը, երբ գետերը պատվել էին սառույցով, և լաստավարների համար եկել էին դժվար ժամանակներ, նա ճշտապահորեն նստում էր Տրոիլում, որտեղ ապրում էին միայն լաստավարները, բեռնակիրները և նավաշինարանի բանվորները, և խնամում էր Ագնես անունով աղջկան, որն ակնհայտորեն նման էր հորը, որովհետև եթե ասենք չէր մտնում մահճակալի տակ, ապա, գոնե հաստատ, բարձրանում էր հագուստի պահարանի վրա, իսկ երբ հյուրեր էին գալիս, մտնում էր սեղանի տակ, և նրա հետ միասին՝ նաև իր լաթե տիկնիկները։

Այսպիսով, Ագնեսը սիրում էր թաքնվել աչքերից և այդ թաքստոցում իրեն զգում էր նույնչափ հուսալի, որչափ Յոզեֆը, չնայած որ այնտեղ գտնում էր այլ ուրախություններ, քան նրանք, որոնք Յոզեֆը գտավ Աննայի շրջազգեստների տակ։ Հրձիգ Կոլյայչեկը բավականաչափ փորձառու էր, որպեսզի հասկանար թաքստոցների հանդեպ իր աղջկա ձգտումը, այդ իսկ պատճառով պատշգամբին փոխարինող ելուստի վրա, որով ավարտվում էր նրանց մեկուկես սենյականոց բնակարանը, նա ճագարների համար անկյուն էր կառուցում։ Դրա կողքին նա կառուցեց նաև բույն՝ ճիշտ նրա հասակով։ Այդ կառույցում նստում էր իմ մանուկ մայրը, խաղում էր իր տիկնիկների հետ և միևնույն ժամանակ մեծանում։ Հետագայում, արդեն աշակերտուհի, նա, ըստ պատմությունների, մի կողմ գցեց իր տիկնիկներին և զվարճանալով ապակե հուլունքներով և խայտաբղետ գնդիկներով, առաջին անգամ ձգտում զգաց դեպի փխրուն գեղեցկությունը։

Հուսով եմ, որ ինձ, որ այրվում եմ սեփական կյանքի ակունքները ներկայացնելու ցանկությամբ, թույլ կտրվի դադարեցնել Վրանկայի ընտանիքի նկարագրությունը։ Նրանց ամուսնական լաստը հանգիստ սահում է հոսանքով, ընդհուպ մինչև տասներեք թիվը, երբ Շիխաուի մոտակայքում նավարանից իջավ «Կոլումբոսը», քանի որ ոստիկանությունը, որը երբեք ոչինչ չէր մոռանում, ընկավ կեղծ Վրանկայի հետքի վրա։

Սկսվեց նրանից, որ Կոլյայչեկը՝ ինչպես ամեն ամռան ավարտին մոտ, այնպես էլ 1913 թ․ օգոստոսին, պետք է մեծ լաստը քշեր Կիևից՝ Պրիպյատի վրայով, Բուգուից մինչև Մոդլինա ձգվող ջրանցքով և արդեն դրանից հետո՝ Վայքսելով։ Տասներկու լաստանավեր դուրս եկան «Ռադաունա» նավաքարշ շոգենավի վրա, որը ծուխ էր արձակում, սկսած Արևմտյան Նոյֆերից՝ Մեռած Վայքսելով մինչև Այնլագե։ Այնուհետև Վայքսելով դեպի վեր՝ Կեզեմարկայի, Լեցկաուի, Չատկաուի, Դիրշաուի և Պիկելյայի կողքով և երեկոյան խարիսխ գցեց Թորնի ափին։ Այնտեղ նավ բարձրացավ նոր տերը, որը Կիևում պետք է հետևեր փայտանյութի գնմանը։ Երբ առավոտյան 4֊ին «Ռադաունան» մեկնեց, հայտնի դարձավ, որ տերը նավի վրա է։ Կոլյայչեկն առաջին անգամ նրան տեսավ նավի առջևի մասի տախտակամածի վրա նախաճաշելիս։ Նրանք նստել էին հենց դեմ֊դիմաց, ծամում էին և խմում գարե սուրճը։ Կոլյայչեկը անմիջապես ճանաչեց նրան։ Հաստոտ, արդեն ճաղատացած մարդը կարգադրեց օղի բերել և լցնել սուրճի դատարկ գավաթների մեջ։ Շարունակելով ծամել, երբ տախտակամածի վերջում դեռ լցնում էին օղին, նա ներկայացավ։

― Որպեսզի դուք իմանաք՝ ես նոր տերն եմ, ինձ Դյուկերհոֆ են անվանում, և ես բոլորից կարգ ու կանոն եմ պահանջում։

Տիրոջ պահանջով լաստավարները՝ այն հաջորդականությամբ, որով նստած էին սեղանի դիմաց, հայտնում էին իրենց անունները և կոնծում գավաթները այնպես, որ ադամախնձորները վեր֊վեր էին թռչում։ Իսկ Կոլյայչեկը նախ կոնծեծ, հետո ասած «Վրանկա», ինչպես կրկնում էր մյուս լաստավարների անունները։ Եվ, այնուհանդերձ, Կոլյայչեկին թվաց, թե Դյուկերհոֆը առանձնացրեց խեղդված լաստավարի անունը ոչ թե կտրուկ, այլ ավելի շուտ մտախոհ։

Միմյանց հերթափոխող նավատարների օգնությամբ, արհեստավարժորեն խուսափելով ավազոտ ծանծաղուտներից, «Ռադաունան» հաղթահարում էր պղտոր, կավոտ շիթը, որը միայն մի ուղղություն գիտեր։ Աջ ու ձախ ձեռքի ուղղությամբ հողաթմբերից այն կողմ ընկած էր հարթ կամ փոքր֊ինչ թմբավորված հողը, որի վրայից արդեն հավաքել էին բերքը։ Կենդանի ցանկապատները, ձորակները, որոճով ծածկված գոգահովիտը և գյուղակների միջև ընկած հարթավայրը, որը կարծես ստեղծված է հեծելազորի հարձակումների համար։ Ձախից ավազով լի արկղեր էին դրված՝ ուլանական դիվիզիայի համար, ցանկապատի վրայով թռչող հուսարների համար, երիտասարդ ռոտմայստրների երաղանքների համար, մենամարտի համար։ Այստեղ էին թամբակեռի մոտ եկած թաթարները, դրագունները, երազկոտ ասպետները՝ արշավելու ընթացքում ընկնող, և օրդենի մագիստրոսները՝ գունավոր թիկնոցներով։ Լանջապանակի վրայի բոլոր ճարմանդները անվնաս էին, բացի միակից՝ որը կտրել է դուքս Մազավեցկին, և ձիերը, ― ոչ մի կրկեսում նման արաբական նժույգներ չես տեսնի, ― նյարդային, հոյակապ դաստապանածոպերի տակ, բոլոր նյարդերը ձգված, ինչպես քանոնով, ռունգերը ուռած, բոսորագույն՝ դրանցից դուրս են գալիս ամպիկներ, նիզակներով խոցված։ Նիզակները իջեցված են և բաժանում են երկինքը, երեկոյի վերջալույսը, նաև թրեր, իսկ այնտեղ, ետին պլանում, ― քանի որ յուրաքանչյուր նկար ունի իր ետին պլանը, ― ամուր փարվելով հորիզոնին, խաղաղ «այրվում է» գյուղակը, ձիու ետևի ոտքերի արանքում մամուռով պատված կարճլիկ հյուղակներ՝ ծղոտով ծածկված։ Իսկ հյուղակների մեջ՝ տանկեր, գեղեցիկ, կոնսերվացված, ապագա օրերի սպասման մեջ, երբ իրենց ևս թույլ կտան հայտնվել այս կտավի վրա, այս հարթավայրում՝ Վայքսելի հողապատնեշներից այն կողմ, ինչպես թեթևոտն զամբիկներին՝ հեծելազորի մեջ։

Վլացլավեկի մոտ Դյուկերհոֆը մատով բզեց Կոլյայչեկին․ «Իսկ ասացեք ինձ, Վրանկա, դուք պատահաբար, տարիներ առաջ Շվեցի սղոցարանում չե՞ք աշխատել։ Այն ժամանակ այրվեց սղոցարանը, չէ՞»։

Կոլյայչեկը համառորեն, կարծես դիմադրությունը հաղթահարելով, գլուխը թափ տվեց և նրան հաջողվեց իր աչքերին տալ հոգնած և վշտաբեկ արտահայտություն, այնպես, որ Դյուկերհոֆը, որի վրա ընկավ այդ հայացքը, ձեռնպահ մնաց հատագա հարցուփորձերից։

Երբ Մոդլինի տակ՝ այնտեղ, որտեղ Բուգը թափվում է Վայքսելի մեջ, «Ռադաունան» շրջվեց, Կոլյայչեկը՝ առաջ թեքված, երեք անգամ թքեց, ինչպես դա ընդունված է բոլոր լաստանավերի մոտ, կողքին հայտնվեց Դյուկերհոֆը իր սիգարով և նրանից կրակ խնդրեց։ Այդ բառը, «լուցկի» բառի պես, խոցեց Կոլյայչեկին։ «Այդ ինչո՞ւ եք դուք կարմրում, երբ ես կրակ եմ խնդրում։ Աղջիկ ե՞ք, ինչ է»։

Նրանք հասցրել էին Մոդլինը թողնել շատ ետ, երբ Կոլյայչեկի երեսից ի վերջո իջավ ներկը, որն ամենևին էլ ամոթխածության ներկ չէր, այլ՝ իր կողմից այրած սղոցարանների ուշացած ցոլք։

Մոդլինի և Կիևի միջև, կարճ ասած՝ Բուգով դեպի վեր, ջրանցքի միջով, որը միացնում է Բուգը Պրիպյատին, տեղի չունեցավ ոչինչ, ինչը կարելի էր համարել Վրանկայի և Դյուկերհոֆի միջև բանակցություններ։ Հաճախ նավաքարշ շոգենավի վրա լաստանավերի միջև, հնոցապանների և լաստավարների միջև, ղեկապետերի ու նավապետի միջև, նավապետի ու մշտապես փոփոխվող նավատարների միջև ինչ֊որ բան տեղի էր ունենում, ինչպես և պետք է լիներ, իսկ հնարավոր է, ինչպես և լինում է տղամարդկանց միջև։ Ես կկարողանայի պատկերել անհաշտությունները կաշուբյան լաստավարների և նավատարի միջև, որը ծնունդով Շտետինից էր։ Հնարավոր է՝ կային նույնիսկ խռովության սաղմեր՝ ընդհանուր հավաքներ տախտակամածի ձախ կողմում։ Նրանք վիճակահանություն են անում, նշանաբան են հորինում, դանակներ են սրում։

Սակայն չխոսենք այդ մասին։ Տեղի չունեցան ո՛չ քաղաքական գործողություններ, ո՛չ լեհ֊գերմանական դանակահարություններ, ո՛չ տվյալ խմբին համապատասխանող, սոցիալական անարդարությամբ ծնված խռովություն։ Բարեխճորեն խժռելով քարածուխը՝ «Ռադաունան» գնում էր իր ուղիով, մի անգամ, իմ հիշելով դա անմիջապես Պլոկը անցնելուց հետո էր, այն նստեց ավազոտ ծանծաղուտի վրա, սակայն կարողացավ սեփական ուժերով ազատվել։ Կարճ, թունոտ ռեպլիկների փոխանակում նոյֆարվասերցի նավապետ Բարբուշի ու ուկրաինացի նավաստու միջև՝ ահա և ամբողջը։ Նույնիսկ նավամատյանը չէր կարող որևէ բան ավելացնել։

Սակայն եթե ես ունենայի Կոլյայչեկի մտքերը կամ դյուկերհոֆյան սղոցարանների կյանքի ժամանակագրությունը նավամատյանում գրանցելու պարտականություն և ցանկություն, դրանում բավականաչափ կխոսվեր փոփոխությունների և արկածների, կասկածանքների և հաստատումների, անվաստահության մասին և, գրեթե անմիջապես, այդ անվստահության շուտափույտ վերացման մասին։ Վախենալը՝ երկուսն էլ էին վախենում, իսկ Դյուկերհոֆը՝ նույնիսկ առավել, քան Կոլյայչեկը, քանի որ նրանք գտնվում էին Ռուսաստանում, և Դյուկերհոֆը հեշտությամբ կարող էր դուրս ընկնել նավից, ինչպես ժամանակներ առաջ խեղճ Վրանկան։ Մինչ այդ արդեն Կիևում ենք՝ փայտանյութի վաճառքի պահեստներից մեկում, որոնք այնքան մեծ են ու անտեսանելի, որ այդ խառնաշփոթության մեջ լիովին կարելի է կորցնել սեփական պահապան հրեշտակին, ընկնել հանկարծակի շարժում սկսած գերանների դարսակույտի տակ, և դա այլևս չես կասեցնի։ Ախ, որքան լավ կլիներ, եթե այս տեղում ես կարողնայի տեղեկացնել, թե ինչպես է կիսախեղդված և կամ գրեթե ճզմված Դյուկերհոֆը՝ դեռ ծանր շնչելով և հայացքում մահվան նշաններով, կեղծ Վրանկայի ականջին շշնջում․ «Շնորհակալություն, Կոլյայչեկ, շնորհակալություն» և, անհրաժեշտ դադարից հետո, «Այժմ ես ու դու մեր հաշիվները փակել ենք և մոռանանք ամեն ինչի մասին»։

Եվ նրանք, որպես թունդ ընկերներ, շփոթված ժպտալով, գրեթե արցունքոտ աչքերով կնայեին միմյանց, ինչպես տղամարդիկ են նայում, և կփոխանակվեին երկչոտ, սակայն կոշտուկոտ, ձեռքսեղմումներով։

Այս տեսարանը մեզ հրաշալի ծանոթ է գիտակցության մթագնեցման աստիճան վարպետությամբ նկարահանված ֆիլմերից, երբ հանկարծ ռեժիսորի գլխում ապշեցուցիչ միտք է ծագում՝ դերասանություններ անող եղբայր֊թշնամիներին վերածել ընկեր֊համախոհների, որոնք դեռ պետք է համատեղ անցնեն կրակի ու ջրի, հազարավոր արկածների միջով։

Սակայն Կոլյայչեկին այդպես էլ չվիճակվեց ո՛չ թողնել, որ Դյուկերհոֆը գնա դեպի հատակը, ո՛չ էլ՝ գլորվող գերանների տակ ընկնելու և մահվան ճիրաններից հանելու հնարավորություն։ Հարազատ ձեռնարկության շահի մասին մտածելով՝ Դյուկերհոֆը Կիևում գնեց անտառի խմբաքանակը, ուշադիր հետևեց, թե ինչպես են հյուսում և ջուրն իջեցնում ինը լաստերը, և, սովորության համաձայն, լաստավարների միջև մանր ծախսերի համար բաժանեց պատկառելի քանակությամբ ռուսական դրամներ, ինչից հետո նստեց գնացք, որը նրան Վարշավա֊Մոդլին֊Դոյչ֊Էյլաու֊Մարիենբուրգ֊Դիրշաու երթուղով հասցրեց ձեռնարկություն, որի սղոցարանները տեղակայված էին Կլավիտերի և Շիխաուի նավաշինարարների միջև ընկած փայտանյութի նավամատույցների երկայնքով։

Նախքան լաստավարներին՝ մի քանի շաբաթյա լրջագույն աշխատանքից հետո բոլոր գետերի, ջրանցքների և, ի վերջո, Վայքսելի միջով անցնելու հնարավորություն ընձեռելը, ես ինձ հարց եմ տալիս․ հաստատ համոզվա՞ծ էր, արդոյք, Դյուկերհոֆը, որ Վրանկան հենց հրձիգ Կոլյայչեկն է։ Եվ ուզում եմ ասել, որ մինչ սղոցարանի տերը նավարկում էր անվնաս, բարեհոգի և բոլորի կողմից սիրված Վրանկայի հետ, հույս ուներ, որ իր ճանապարհակիցը Կոլյայչեկը չէ, որն ունակ է կատարել որևէ հանդուգն քայլ։ Այդ հույսից նա հրաժարվեց, միայն երբ նստած էր վագոնի խցիկի բարձերի վրա։ Սակայն մինչև գնացքը հասավ մինչև վերջին կայարանը՝ մտնելով Դանցիգ քաղաքի կենտրոնական կայարանի կամարների տակ, այժմ ես ի վերջո արտաբերում եմ այդ անվանումը, Դյուկերհոֆը եկավ իր դյուկերհոֆյան եզրակացություններին, հրամայեց իր ճամպրուկները տեղափոխել կառք, իսկ կառքին՝ գնալ տուն, իսկ անձամբ ինքը առույգ, արդեն առանց ուղեբեռի, սլացավ դեպի մոտակա ոստիկանանկան նախագահություն, Վիբենվալշտրասե, այնտեղ՝ աստիճաններով թռչկոտելով հասավ գլխավոր շքամուտքին։ Կարճատև, սակայն մանրակրկիտ որոնումներից հետո նա գտավ այն սենյակը, որտեղ չափից ավելի գործարար մթնոլորտ էր տիրում, որպեսզի լսեին Դյուկերհոֆի կարճ, միայն փաստերը ներկայացնող հաշվետվությունը։ Դրանից չի հետևում, թե սղոցարանի տերը հայտարարություն արեց։ Ոչ, նա ուղղակի խնդրեց զբաղվել Կոլյայչեկ֊Վրանկայի գործով, ինչը և խոստացան անել ոստիկանները։

Վերջին շաբաթների ընթացքում, մինչ գնված փայտամթերքից պատրաստված լաստերը եղեգնի հոլիկների և լաստավարների հետ դանդաղ սահում էին գետն ի վար, բազմաթիվ վարչություններ բազմաթիվ թղթեր էին կազմում։ Վերցնենք, օրինակ, Յոզեֆ Կոլյայչեկի՝ արևմտապրուսական գնդի դաշտային հրետանու այսինչ համարի շարքային հրետանավորի զինվորական գործը։ Անկարգ հրետանավորը երեք օրը երկու անգամ մասնակի կալանքի տակ է գտնվել ալկոհոլային հարբածության, ինչպես նաև կիսագերմաներեն, կիսալեհերեն որոտաձայն անարխիստական լոզունգներ գոռալու համար։ Մի խոսքով, անպատիվ բծեր, որոնք չհաջողվեց հայտնաբերել եֆրեյտոր Վրանկայի թղթերում, որը ծառայել էր Լանգֆուրի երկրորդ լայբ֊հուսարական գնդում։ Հակառակը, եֆրեյտոր Վրանկան իրեն դրսևորել էր լավ կողմով, տակտիկական պարապմունքների ժամանակ հաճելի տպավորություն էր թողել թագաժառանգի վրա և վերջինիցս ստացել էր այդ առիթների համար գրպանում պահվող թալեր՝ թագաժառանգի թալեր։ Սակայն այդ թալերը արձանագրված չէր եֆրեյտոր Վրանկայի զինվորական թղթերում, ինչի մասին բարձր լաց ու կոծով տեղեկացրեց իմ Աննա տատը, երբ հարցաքննում էին նրան և նրա Վինցենտ անունով եղբորը։

Սակայն իմ տատը միայն այդ թալերի օգնությամբ չէ, որ ճակատամարտ էր մղում ընդդեմ «հրձիգ» բառի։ Ոչ, նա կարող էր ներկայացնել փաստաթղթեր, որոնք բազմակի անգամ հաստատում էին, որ Յոզեֆ Վրանկան արդեն1904 թ․ էր ինքնակամ դարձել Դանցիգ֊Նիդերշտադտի հրջեջ դրուժինայի անդամ և ձմեռային ամիսներին, երբ լաստավարների համար մեռած շրջան է, պայքարել է բազմաթիվ մեծ ու փոքր հրդեհների դեմ։ Այդ թղթերի մեջ կար նաև պատվոգիր, որը վկայում էր, որ հրշեջ Վրանկան Տրոիլի երկաթուղային մեծ դեպոյում 1909 թ․ ոչ թե պարզապես հրդեհներ էր հանգցնում, այլ կրակից փրկել է փականագործի երկու աշակերտներին։ Ճիշտ նույն կերպ արտահայտվեց նաև որպես վկա հրավիրված բրանդմայստեր Հեխտը։ Արձանագրության համար նա հայտնեց հետևյալը․

― Ինչպե՞ս կարող է հրձիգ լինել նա, որ ինքն է հրդեհ հանգցնում։ Ախր, ես մինչ օրս էլ տեսնում եմ, թե ինչպես էր նա կանգնած հրշեջ աստիճանի վրա, երբ այրվում էր Հոյբուդի եկեղեցին։ Փյունիկ, որը հառնում է մոխրից ու կրակից և հանգցնում ոչ միայն կրակը, այլև այս աշխարհի հրդեհը և մեր Տիրոջ, Հիսուս Քրիստոսի ծարավը։ Ճշմարիտ եմ ասում ես ձեզ, լավ է ջրաղացի քար կախել այն մարդու վզից, որ հրձիգ մականունն է տալիս այս հրաշալի Փյունիքին, հրշեջի սաղավարտով մարդուն, որն օգտվում է երթևեկելու առավելության իրավունքից, որին սիրում են ապահովագրական գործակալությունները, որը միշտ իր գրպանում է կրում մի բուռ մոխիր՝ որպես խորհրդանիշ կամ մասնագիտության նշան։

Դուք, հավանաբար, արդեն նկատեցիք, որ բրանդմայստեր Հեխտը՝ կամավոր հրշեջ դրուժինայի կապիտանը, ճարտարախոս հոգևորական էր․ նա կիրակի օրերը կանգնում էր Լանգգարտենի Սուրբ Բարբարա ծխական եկեղեցու ամբիոնի առջև և, քանի դեռ դատավարություն էր ընթանում ընդդեմ Կոլյայչեկ֊Վրանկայի, առիթը բաց չէր թողնում նմանատիպ արտահայտություններով իր հոտի գլուխը լցնել երկնային հրշեջի և դժոխքի հրձիգի մասին առակներով։

Սակայն քանի որ քրեական ոստիկանության պաշտոնյանները Սուրբ Բարբարայի եկեղեցին չէին հաճախում և, դրան գումարած, «Փյունի ք» բառի մեջ ավելի շուտ նորին Թագավորական մեծության հանդեպ վիրավորանք էին դիտում, վերջինիս գործունեությունը ինքնակամ դրուժինայում ընկալում էին որպես ծանրացուցիչ հանգամանք։

Հավաքում էին տարբեր սղոցարաններից ցուցմունքներ, տեղի համայնքներից վկայություններ․ Վրանկան լույս աշխարհ էր եկել Թուխելում, մինչ Կոլյայչեկը ծնունդով Թորնից էր։ Մի շարք փոքրիկ անհամապատասխանություններ մեծահասակ լաստավարների և նրանց հեռավոր ազգականների ցուցմունքներում։ Կուժը միշտ ձգտում է դեպի ջուրը, և նրան ուրիշ ոչինչ չի մնում, քան կոտրվել։ Քանի դեռ հարցաքննությունները ընթանում էին իրենց հունով, լաստերի քարավանը մոտենում էր պետական սահմանին և, Թորնից սկսած, գտնվում էր գաղտնի հսկողության տակ, իսկ կանգառներում առավել ևս։

Պապիկս այդ նկատեց միայն Դիրշաուից հետո, քանի որ դրան նա սպասում էր։ Սակայն այդ ժամանակ նրան տիրած պասիվությունը, որը սահմանակցում էր մելանխոլիայի հետ, հավանաբար թույլ չտվեց նրան փախուստի փորձ ձեռնարկել դեպի Լեցկաու կամ Կեզեմարկ։ Դա միանգամայն կարող էր պսակվել հաջողությամբ՝ այդ վայրերում նրան շատերը ճանաչում էին, և լաստավարները համակրանք էին տածում նրա նկատմամբ։ Այնլագեից սկսած, երբ լաստերը դանդաղ, մեկը մյուսին հրելով, մտնում էին Մեռած Վայքսել, մի ինչ֊որ ձկնորսական մոտորանավակ աննկատ սլացավ մոտիկից, բայց նկատվեց, որ այնտեղ չափից դուրս մեծաթիվ անձնակազմ կար։ Պլենենդորֆից անմիջապես հետո եղեգնուտներից աշխույժ դուրս թռան նավահանգստի ոստիկանության զույգ մոտորաբարկասները և սկսեցին լայնքով ու երկայնքով ճեղքել Մեռած Վայքսելի ջրերը, որոնք իրենց նեխահոտով ավելի ու ավելի էին վկայում նավահանգստի մոտիկության մասին։ Իսկ Հոյբուդին հաջորդած կամրջի այն կողմում արդեն սկսվում էր «կապույտ համազգեստների» արգելափակոցային շղթան։ Կլավիտետյան նավաշինարանի դիմացի անտառանյութի դարսակները, փոքրիկ նավակային նավաշինարանները, Մոթլաուի ուղղությամբ գնալով ավելի լայնացող անտառանյութի նավահանգիստները, ամենատարբեր սղոցարանների նավամատույցային կամրջակները, սեփական ձեռնարկության կամրջակը՝ այս ամենի շուրջբոլորը կային «կապույտ համազգեստավորներ»։ Նրանք կային ամենուր, միայն Շիրխաուի մոտ նրանք չկային․ այնտեղ ամեն ինչ զարդարված էր դրոշակներով, և տեղի էր ունենում ինչ֊որ այլ գործողություն, անկասկած ինչ֊որ մեկը պիտի իջներ նավասանդուղքով։ Այնտեղ բավական շատ մարդիկ էին հավաքվել, ինչն անհանգստացնում էր ճայերին, այնտեղ տոն էր նշվում՝ արդո՞ք ոչ իմ պապիկի պատվին։

Միայն երբ իմ պապիկը տեսավ փայտանյութերի նավամատույցներում կուտակված «կապույտներին», և երբ է՛լ ավելի չարաղետ սկսեց երևալ բարկասների կողմից ընտրած երթուղին, որոնցից տարածվող ալիքները արդեն մտրակում էին լաստերին, նա հասկացավ, որ բոլոր ուժերի այս կուտակումը կապված էր իր հետ։ Նրա մեջ արթնացավ հրձիգ Կոլյայչեկի սիրտը, նա իրենից բաժանեց անչար Վրանկային, ինքնակամ դուրս եկավ հրշեջ դրուժինայի կազմից, ողջ ձայնով և առանց տատանվելու հրաժարվեց կակազող Վրանկայից և վազեց լաստերի վրայով, լայնարձակ երերուն հարթությունների վրայով։ Ոտաբոբիկ վազեց չռանդած «մանրահատակի» վրայով, մի գերանից դեպի մյուսը՝ Շիխաուի ուղղությամբ, որտեղ քամու դիմաց ուրախ դրոշներ էին ծածանվում։ Նա վազեց առաջ տախտակների վրայով, այնտեղ, ուր նավարանների վրա ինչ֊որ բան էր դրված, որտեղ գեղեցիկ ելույթներ էին ունենում, որտեղ ոչ ոք ձայն չէր տալիս Վրանկային, իսկ առավել ևս Կոլյայչեկին, որտեղ ասում էին այսպես․ «Ես անվանում եմ քեզ անունով՝ Նորին Մեծության նավատորմի «Կոլումբոս» նավ, Ամերիկա, ավելի քան քառասուն հազար տոննա ջրատարողությամբ, երեսուն հազար ձիաուժ»։ Նորին Մեծության նավատորմի նավ, առաջին կարգի ծխելու սրահ, նավախելի վրա երկրորդ կարգի խոհանոց, մարմարից սպորտային դահլիճ, գրադարան, Ամերիկա, Նորին Մեծության նավատորմի նավ, թիավարող լիսեռի միջանցք, զբոսանքային տախտակամած՝ փառքի հաղթական դափնիով, հարազատ նավամատույցի տոնական դրոշ, արքայազն Հայնրիխը կանգնած է ղեկի մոտ, իսկ իմ Կոլյայչեկ պապիկը՝ ոտաբոբիկ, ոտքերով հազիվ գերաններին դիպչելով, փողային երաժշտությանը ընդառաջ։ Ժողովուրդ, որն այսպիսի իշխաններ ունի, որոնք, նավարկելով, իրենց շուրջը՝ մշտական տոնախմբություններով, փառքի հաղթական դափնիով, նավահանգստում կառանած բոլոր նավերի շչակներով մարդկանց էին հավաքում։ Նավաքարշ շոգենավեր և շոգենավեր զվարճալի զբոսանքների համար, Կոլումբոս, Ամերիկա, ազատություն և երկու բարկաս՝ ուրախությունից խելքները թռցրած․ բոլորը նրա ետևից, մի լաստից դեպի մյուսը։ Նորին Մեծության լաստերը փակում են ճանապարհը և փչացնում խաղը, այնպես, որ նա պետք է կանգ առնի, մինչդեռ այնքան լավ թափ էր հավաքել, և նա մեն֊միայնակ կանգնած է լաստի վրա և տեսնում է արդեն Ամերիկան, իսկ բարկասները մտնում են լայն կողմից․ դե ինչ, պետք է ետ հրվել՝ ահա արդեն իմ պապը լողում է, լողում դեպի լաստը, որը մտնում է Մոթլաու։ Իսկ այժմ ստիպված է սուզվել և մնալ ջրի տակ բարկասների պատճառով, իսկ լաստը շարժվեց նրա վրա, և այդ լաստին վերջ չկար․ էլի նոր լաստեր․ լաստ քո լաստից և հավիտայնս հավիտենից լաստ։

Բարկասները անջատեցին շարժիչները, և անողոք զույգ աչքերը սկսեցին զննել ջրի մակերևույթը։ Աակայն Կոլյայչեկը հրաժեշտ էր տվել մեկընդմիշտ, հեռացել էր շչակների թեթղյա ոռնոցից, նավային զանգակներից, Նորին Մեծության նավատորմի նավից և կնունքի կապակցությամբ ելույթից, որն արտասանեց արքայազն Հայնրիխը, Նորին Մեծության խելակորույս ճայերից, փառքի հաղթական դափնուց, Նորին Մեծության նավատորմի նավի նավասանդուղքի առավել սահունության համար Նորին Մեծության հեղուկ օճառից, Ամերիկայից, «Կոլումբոսից» և նաև ոստիկանական հետաքննություններից՝ հավերժ հեռացավ վերջ չունեցող լաստի տակ։

Իմ պապի մարմինը այդպես էլ երբեք չհայտնաբերվեց։ Ես հաստատ համոզված եմ նրանում, որ նա իր մահը գտավ լաստերի տակ, պետք է, սակայն, չսասանձեմ ասվածի հանդեպ վստահությունը, ինձ վրա ծանրություն վերցնեմ և շարադրեմ հրաշալի փրկությունների բոլոր տարբերակները։ Այսպիսով, մարդիկ պատմում էին, որ նրան հաջողվել է լաստի տակ, գերանների արանքում ճեղք հայտնաբերել, ներքևից բավականաչափ լայն, որպեսզի քիթն ու բերանը պահի ջրից դուրս, իսկ դեպի վեր այդ ճեղքը այնքան էր նեղանում, որ անտեսանելի էր մնում ոստիկանների համար, որոնք մինչև ուշ գիշեր խուզարկում էին լաստերը և նույնիսկ նրանց վրայի եղեգե հոլիկները։ Այնուհետև մթության քողի տակ, այդպես էր ասվում, պապս տրվեց ալիքների կամքին և, չնայած կորցրել էր ուժերը, բախտի որոշակի բերումով հասավ Շիխաուի նավաշինարանի տարածքի՝ Մոթլաուի հակառակ ափը, այնտեղ թաքնվեց թափոնների սարի մեջ, իսկ ավելի ուշ, հնարավոր է հույն նավաստիների օգնությամբ, հայտնվեց այն կեղտոտ բեռնատար նավերից մեկի վրա, որոնք ըստ ասեկոսների, մեկ փախստականի չէ, որ ապաստան էին տվել։

Ուրիշները խոսում են այսպես․ Կոլյայչեկը նաև լողորդ էր, իսկ նրա թոքերը առավել լավն էին, և նա լողաց անցավ ոչ միայն լաստի տակով, ոչ, նա ջրի տակով անցավ նաև մնացած, Մոթլաուի բավականին լայն մասը, բարեհաջող ափ հասաց Շիրխաուի նավաշինարանի տարածքում, այնտեղ, որ իր վրա ուշադրություն չգրավելով, խառնվեց բանվորների խմբին, իսկ ավելի ուշ՝ նաև ցնծացող մարդկանց և ժողովրդի հետ մեկտեղ երգեց «Փառք քեզ՝ հաղթանակած դափնիով», Նորին Մեծության նավատորմի «Կոլումբիա» նավն օծելու ժամանակ արքայազն Հայնրիխի ելույթից հետո, ծափահարեց՝ նավը նավարանից բարեհաջող ջուրն իջեցնելուց հետո և ամբոխի հետ միասին՝ կիսով չափ չորացած հագուստով լքեց տոնախմբությունը և արդեն հատորդ օրը, ― ասյտեղ առաջին վարկածը միանում է երկրորդին, ― որպես անվճար ուղևոր՝ նա բարձրացավ հռչակ ձեռք բերած հունական բեռնանավ։

Պատկերի ամբողջականության համար հարկ է վերհիշել նաև երրորդ անիմաստ վարկածը, համաձայն որի՝ իմ պապը՝ որպես լողարկվող անտառանյութ, դուրս բերվեց բաց ծով, որտեղ նրան անհապաղ որսացին Բոնզակի ձկնորսները և, երեք միլիոնանոց գոտու սահմաններից դուրս, փոխանցեցին օվկիանոսային նավագնացությանը հարմարեցված շվեդական մոտորանավակին։ Վարկածը հրաշալի ձևով թույլ էր տալիս, որ շվեդական մոտորանավակի վրա նա դանդաղ վերականգներ ուժերը և հասներ մինչև Մալմյե կամ նման որևէ մի տեղ։

Այս ամենը անհեթեթություն է և ձկնորսական փչոցներ։ Ճիշտ նույն կերպ ես ոչ մի արժեք չեմ տալիս բացարձակապես նավահանգստային քաղաքների ականատեսների անարժանահավատ տարբեր պատմություններին, ովքեր իբր իմ պապին տեսել են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից քիչ անց Բուֆալոյում (ԱՄՆ)։ Նրան կարծես անվանում էին Ջո Կոլչիկ, և որ նա, ըստ պատմողների խոսքերի, զբաղված էր Կանադայի հետ անտառանյութի առևտրով։ Լուցկու ձեռնարկությունների բաժնետոմսեր։ Ապահովագրական գործակալության հիմնադիր՝ ապահովագրում է հրդեհից։ Նրան նկարագրում էին որպես չափից դուրս հարուստ մի մարդու․ իբր նա նստած էր երկնաքերի հսկայական գրասեղանի մոտ, բոլոր մատներին՝ փայլող քարերով մատանիներ, զինավարժանք է անցկացնում իր թիկնապահների հետ, որոնք կրում են հրշեջի համազգեստ, կարողանում են երգել լեհերեն և անվանվում են Փյունիկի Գվարդիա։

«Թիթեռնիկը և լամպը»

Մի մարդ թողեց իր ունեցած ամեն ինչը, անցավ օվկիանոսը, հասավ Ամերիկա և հարստացավ՝ սրանով ես կամենում եմ ավարտել իմ պապի մասին բոլոր խոսակցությունները, ինչպես էլ որ նա իրեն անվաներ․ լեհերեն՝ Գոլյաչեկ, կաշուբյան ձևով՝ Կոլյայչեկ կամ ամերիկյան ձևով՝ Ջո Կոլչիկ։

Բավական բարդ է թիթեղյա թմբուկի շնորհիվ, որպիսիք վաճառում են խաղալիքների խանութներում և հանրախանութներում, թմբկահարելով վեր հանել փայտի՝ գրեթե հորիզոնի այն կողմ հեռացող լաստերը։ Եվ, այնուհանդերձ, ինձ հաջողվեց թմբկահարել փայտանյութի նավահանգիստը, ողջ ջրաբեր փայտը, որը գետի ոլորաններում օրորվում է ջրի վրա, քրքրվում է եղեգնուտներում, փոքր֊ինչ ավելի հեշտությամբ ինձ հաջողվեց թմբկահարել շիխաույան և կլավիտերյան նավաշինարարների անգարները, բազմաթիվ՝ մեծ մասամբ նավակների մանր վերանորոգմամբ զբաղվող, նավաշինարանները, վագոնաշինական գործարանին կից մետաղական ջարդոնի կույտը, մարգարինի ֆաբրիկային կից դառնահամ կոկոսների պահեստները, Շպայխեր կղզու՝ ինձ հայտնի բոլոր ետնախորշերը։ Պապս մահացավ, նա ինձ պատասխան չի տա, հետաքրքրություն չի դրսևորի նավաշինարանից ջուրն իջեցրած կայզերական նավի հանդեպ, երբեմն տասնամյակներ ձգձգվող, սակայն ջուրն իջնելու պահից սկսած մահվանն ընդառաջ ընթացող, որին մեր դեպքում տվել էին «Կոլումբոս» անվանումը, անվանում էին նաև նավատորմի հպարտություն։ Այն, բնականորեն, ուղղություն վերցրեց դեպի Ամերիկա, իսկ ավելի ուշ կամ խորտակեցին, կամ ինքը խորտակվեց։ Հնարավոր է, որ այն վեր հանեցին հատակից, վերափոխեցին, վերանվանեցին կամ օգտագործեցին որպես ջարդոն։ Հնարավոր է նաև, որ «Կոլումբոսը» ուղղակի հեռացավ ջրի հատակ, ինչպես ժամանակին վարվեց իմ պապը, գուցե նա մինչ այսօր հոսընթաց տարվում է իր ողջ քառասուն հազարանոց ջրատարությամբ, ծխելու համար նախատեսված սրահով, մարմարյա սպորտային դահլիճով, լողավազանով և մերսման առանձնասենյակներով, խորքում է, ասենք 6000 մ, ինչ֊որ տեղ ֆիլիպպինյան իջվածքում կամ Էմենդի ուղղությամբ․ դրա մասին կարելի է ընթերցել «Վեյերում» կամ ծովային օրացույցներում՝ հիշում եմ, ոչ այն է առաջին, ոչ այն է երկրորդ «Կոլումբոսը» ինքնակամ իջավ հատակ, որովհետև նավապետը չկարողացավ տանել պատերազմի հետ կապված մի ինչ֊որ խայտառակություն։

Լաստային պատմության մի մասը ես բարձրաձայն կարդացի Բրունոյին, որից հետո տվեցի իմ հարցը՝ պնդելով, որ պատասխանը լինի օբյեկտիվ։

― Հրաշալի մահ, ― երազկոտությամբ արտասանեց Բրունոն և անմիջապես սկսեց կապել խեղդված պապիս իր ընդունված լար֊կապերով։ Ես ստիպված էի բավարարվել նման պատասխանով և իմ մտքերի հանդուգն թռիչքը չուղղել դեպի Ամերիկա, որպեսզի չարչարանքով դառնայի ժառանգության տեր։ Ինձ այցի եկան Վիթլար և Կլեփ անունով ընկերներս։ Կլեփը բերեց ձայնասկավառակ, որի երկու կողմերում էլ Քինգ Օլիվերն էր, իսկ Վիթլարը կոտրատվելով ինձ մեկնեց շոկոլադե սիրտ՝ վարդագույն ժապավենի վրա։ Նրանք տարբեր հիմարություններ էին անում, ծաղրանմանակում էին տեսարաններ իմ դատավարությունից։ Իսկ ես նրանց հաճույք պատճառելու համար պատկերում էի, թե ինչպես են բոլոր այցելության օրերին մաքրություն անում, հրաշալի տրամադրություն էի ցուցաբերում և նույնիսկ՝ ամենահիմար կատակների վրա ծիծաղելու ունակություն։ Աննկատ ձևով, նախքան Կլեփը կհասցներ սկսել իր դասախոսությունը ջազի և մարքսիզմի փոխադարձ կապերի մասին, ես ներկայացրեցի իմ պատմությունը մի մարդու մասին, որը տասներեք թվին, ոչ շատ առաջ այն ժամանակից, երբ այդ ամենը բռնկվեց, ընկավ մի անսահման, կարելի է ասել, իրոք, վերջ չունեցող լաստի տակ և այլևս դուրս չպրծավ նրա տակից, նույնիսկ նրա մարմինը այդպես էլ չգտնվեց։ Ի պատասխան իմ այն հարցին, որը տվեցի անբռնազբոսիկ, կարծես թե ձանձրալի տոնով՝ Կլեփը տհաճությամբ շարժեց հաստ վզի վրա գտնվող գլուխը, արձակեց բոլոր կոճակները, հետո կրկին կոճկեց, լողորդի մի քանի շարժումներ արեց՝ մի խոսքով իրեն պահեց այնպես, կարծես հենց ինքն էր գտնվում լաստի տակ։ Վերջի ի վերջո նա խուսափեց իմ հարցից՝ պատասխանի բացակայության համար մեղքը գցելով չափազանց վաղ մփնշաղի վրա։

Վիթլարը նստած էր լուռ, ոտքը ոտքի վրա գցած և միևնույն ժամանակ չմոռանալով շալվարի ծալքերի մասին, նստել և ցուցադրում էր այն նրբաճաշակ, գծավոր, արտասովոր ինքնահավանությունը, որը հատուկ է թերևս միայն երկնային հրեշտակներին։

― Ես գտնվում եմ լաստի վրա։ Լաստի վրա գտնվելը հրաշալի է։ Ինձ կծում են մոծակները։ Դա տհաճ է։ Ես գտնվում եմ լաստի տակ։ Լաստի տակ հրաշալի է։ Մոծակները այլևս ինձ չեն կծում։ Դա հաճելի է։ Կարծում եմ, որ միանգամայն հնարավոր է ապրել լաստի տակ, եթե, իհարկե, դու մտադրություն չունես միաժամանակ գտնվել նաև լաստի վրա և թույլ տալ, որ մոծակները քեզ կծեն։

Հենց այդտեղ Վիթլարն արեց իր փորձված դադարը և ուշադիր նայեց ինձ, հետո, ինչպես ամեն անգամ, երբ ուզում էր նմանվել բվի, բարձրացրեց իր առանց այն էլ բարձր հոնքերը և դերասանական արտասանությամբ արտաբերեց․

― Ինձ թվում է, որ այդ խեղդվածի հետ կապված, լաստերի տակ հայտնված մարդու դեպքում, խոսքը քո ազգականի և կամ քո հարազատ պապի մասին է։ Քանի որ նա, լինելով քո ազգականը, կամ առավել ևս՝ քո հարազատ պապը, գիտակցում էր իր պարտականությունները քո հանդեպ, և նա հենց գտավ իր մահը, քանզի աշխարհում ոչ մի բան քեզ համար այնքան տանջալից լինել չէր կարող, քան պապիդ կենդանի լինելը։ Այսպիսով, դու ոչ թե պարզապես սպանողն ես քո ազգականի, այլ դրան ավելացրած նաև սպանողն ես քո հարազատ պապի։ Սակայն, քանի որ վերջինս, իսկ դա ընդհանրապես ընդունված է պապիկների մոտ, կցանկանար քեզ պատժել, զրկեց քեզ այն հաճույքից, որն ապրում է թոռը՝ հպարտորեն մատնացույց անելով ջրի մեջ ուռած դիակը և ասելով հետևյալ խոսքերը․ «Նայեք իմ մեռած պապին։ Նա հերոս է եղել։ Նա ջուրը նետվեց, երբ տեսավ, որ իրեն հետապնդում են»։ Քո պապն աշխարհին և իր թոռանը զրկեց իր մարմինը սեփական աչքերով տեսնելու հնարավորությունից, որի միակ նպատակն էր՝ ստիպել մնացողներին, այդ թվում նաև թոռանը, դեռ երկար զբաղվել իրենով։

Այնուհետև, մի խանդավառությունից մուսին անցնելով, խորամանկ, փոքր֊ինչ առաջ թեքված և հաշտության կնիքը դեմքին՝ Վիթլարն ասաց․

― Ամերիկա։ Ուրախացի՛ր, Օսկար։ Դու ունես նպատակ և ունես խնդիր։ Այստեղ քեզ բնականաբար կարդարացնեն և բաց կթողնեն։ Էլ ո՞ւր գնաս, եթե ոչ Ամերիկա, որտեղ կրկին կարելի է գտնել ամենը, նույնիսկ կորած պապին։

Որքան էլ խայթող ու վիրավորական էր Վիթլարի պատասխանը, նա իմ մեջ ավելի մեծ վստահություն սերմանեց, քան կյանքի ու մահվան միջև տարբերությունը գրեթե չբաժանող իմ ընկերոջ՝ Կլեփի դատարկախոսությունը կամ հիվանդապահ Բրունոյի պատասխանը, որն իմ պապի մահը հրաշալի անվանեց միայն այն պատճառով, որ դրանից անմիջապես հետո, բացելով ալիքները, նավաշինարանից իջավ «ՆՄՆ Կոլումբոսը»։ Այդ իսկ պատճառով ես փառաբանմամբ եմ հատուցում վիթլարյան Ամերիկային, որը պահածոյացնում է պապերին նախատեսված նշանակետը, նմուշը։ Երբ ես, ձանձրացած Եվրոպայից, ցանկանում եմ մի կողմ դնել թմբուկս ու գրիչս, ասացի ինքս ինձ․ «Շարունակիր գրել, Օսկար, արա դա հանուն քո չլսված հարստության տեր, սակայն հոգնած Կոլյայչեկ պապի, որը Բուֆալոյում զբաղված է փայտանյութերի վաճառքով, իսկ իր երկնաքերի ընդերքներում խաղում է լուցկիների հետ»։

Երբ Կլեփը և Վիթլարը ի վերջո հաջողություն մաղթեցին և հեռացան, Բրունոն վճռականորեն օդափոխելով, սենյակից հեռացրեց իմ ընկերների կպչուն հոտը։ Դրանից հետո ես կրկին վերցրեցի իմ թմբուկը, սակայն սկսեցի թմբկահարել ոչ թե մահը ծածկող լաստերի գերանները, այլ այն արագ, թռվռան ռիթմը, որին պետք է ենթարկվեին բոլոր մարդիկ 1914 թվի օգոստոսից հետո։ Այդ իսկ պատճառով իմ տեքստը ընդհուպ մինչև իմ ծննդյան ժամը, կարող է միայն ընդհանուր գծերով ուրվագծել սգո թափորի ուղին, որն իմ պապը թողեց Եվրոպայում։

Երբ Կոլյայչեկն անհետացավ լաստերի տակ, նրանց միջից, սղոցարանի խարսխակայանների կամրջակների վրա սպասում էին անհանգստացած իմ տատիկը՝ իր Ագնես աղջկա հետ, Վինցենտ Բրոնսկին և նրա տասնյոթամյա որդի Յանը։ Մի փոքր այն կողմ կանգնած էր իր ավագ եղբայր Յոզեֆ Գրեգոր Կոլյայչեկը, որին հարցաքննությունների համար կանչել էին քաղաք։ Գրեգորը ոստիկանությանը անփոփոխ տալիս էր մեկ և միևնույն պատասխանը․

― Ես իմ եղբորը գրեթե չեմ էլ ճանաչում։ Ճիշտն ասած, գիտեմ միայն, որ նրան Յոզեֆ են անվանում, իսկ երբ ես նրան տեսա վերջին անգամ, նա մոտ տասը կամ ասենք տասներկու տարեկան էր։ Նա մաքրում էր իմ ճտքավոր կոշիկները և վազում գարեջուր բերելու, երբ մենք մորս հետ գարեջուր էինք ուզում։

Չնայած միաժամանակ պարզվեց, որ իմ նախատատը սիրել է գարեջուր՝ ոստիկանությանը նման պատասխանը օգուտ չէր տալիս։ Դրա փոխարեն ավագ Կոլյայչեկի ներկայությունից օգուտ ուներ իմ Աննա տատիկը։ Գրեգորը, որը երկար տարիներ ապրել էր Շտետինում, Բեռլինում, այնուհետև Շնայդեմյուլում, այժմ բնակություն էր հաստատել Դանցիգում, աշխատանք էր գտել «Ճագար» ամրոցի վառոդի աղացում և երբ լրացավ սգո՝ ընդունված մեկ տարին, և բոլոր բարդությունները օրինակ, կեղծ֊Վրանկայի հետ ամուսնանալու պատմությունը, հարթվել էին, պարզաբանվել և հանձնվել արխիվ, ամուսնացավ իմ տատիկի հետ, որը չէր ցանկանում բաժանվել Կոլյայչեկներից և եթե ոչ երբեք, ապա, ծայրահեղ դեպքում, այդքան արագ չէր ամուսնանա Գրեգորի հետ, եթե նա Կոլյայչեկ չլիներ։ Վառոդի աղացում աշխատանքը Գրեգորին ազատում էր խայտաբղետ, իսկ վրայից անմիջապես մոխրագույն հագնելու անհրաժեշտությունից։ Նրանք երեքով բնակվում էին էլի այդ նույն մեկևկես սենյականոց բնակարանում, որը երկար տարիներ ապաստան էր հանդիսանում հրձիգի համար։ Սակայն շուտով պարզվեց, որ բոլոր Կոլյայչեկները իրար նման չեն, քանզի չէր անցել մեկ տարի, ինչ նրանք ամուսնացել էին, իսկ իմ տատիկն արդեն ստիպված էր վարձակալել Տրոիլի եկամտային տներից մեկի նկուղը։ Վաճառելով ամեն կարգի մանրուք՝ սկսած անգլիական քորոցից, վերջացրած կաղամբի կողբով՝ փոքր֊ինչ փող էր ետ գցում, որովհետև Գրեգորը, չնայած որ մի կույտ փող էր ստանում իր աղացում, տուն չէր բերում նույնիսկ ամենաանհրաժեշտը, իսկ փողերը ծախսում էր հարբեցողության վրա։ Գրեգորը, որը երևի իմ նախատատին էր նմանվել, հարբեցող էր, մինչդեռ իմ Յոզեֆ պապը հազվադեպ հաճույքով խմում էր միայն մի բաժակ։ Գրեգորը վատ տրամադրությունից էր, որ խմում էր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նրա մոտ, թվում էր, թե լավ տրամադրություն է, իսկ դա հաճախ չէր պատահում, քանի որ նա հակում ուներ դեպի մելանխոլիան, նա խմում էր ոչ թե ուրախանալու համար, այլ այն պատճառով, որ ցանկանում էր հասնել յուրաքանչյուր առարկայի էութայնը, այդ թվում՝ նաև ալկոհոլի էությանը։ Քանի դեռ Գրեգորը ողջ էր, ոչ մեկը ոչ մի անգամ չի տեսել, որ նա գիհիի թրմօղու բաժակը կիսխմել թողներ։

Մայրիկս, այդ ժամանակ կլորիկ տասնհինգամյա աղջիկ, ևս ձեռքերը ծալած չէր նստում, նա օգնում էր կրպակում, նախնական կտրոններ էր սոսնձում, կիրակի օրերին առաքում էր ապրանքները և, չնայած ոչ այնքան սահուն, սակայն հարուստ երևակայությամբ թելադրված նամակ֊հիշոցներ էր գրում պարտապաններին։ Ցավոք, ինձ մոտ չի պահպանվել այդ նամակներից ոչ մեկը։ Որքան լավ կլիներ այստեղ մեջ բերել կիսամանկական֊կիսաաղջկական այդ կոչերից մի քանիսը, որոնք գրված էին կիսաորբի կողմից, որովհետև Կոլյայչեկը դրսևորեց իրեն որպես ոչ այնքան հուսալի խորթ հայր։ Ավելին, իմ տատիկից և նրա աղջկանից մեծ ջանքեր էին պահանջվում իրենց պղնձով և փոքր քանակով արծաթով դրամարկղը, որը բաղկացած էր երկու՝ մեկը մյուսի վրա շրջած թիթեղյա ափսեներից, թաքցնելու Կոլյայչեկյան՝ մշտապես ծարավից տանջվող այդ վառոդագործի, մելանխոլիկ հայացքներից։ Միայն երբ Գրեգորը 1917 թվին մահացավ հարբուխից, նրանց եկամուտները մեծացան, թեև ոչ չափազանց շատ, որովհետև ի՞նչ կարելի էր վաճառել տասնյոթ թվին։

Մեկուկես սենյականոց բնակարանի ննջարանում, որը վառոդագործի մահից հետո դատարկ էր մնացել, որովհետև իմ մայրիկը դժոխքի տանջանքներից վախենալու պատճառով չցանկացավ այնտեղ տեղափոխվել, տեղավորվեց Յան Բրոնսկին՝ այդ ժամանակ մոտավորապես քսանամյա նրա զարմիկը, որը լքել էր հայրենի Բիսաու քաղաքը և իր հորը՝ Վինցենտին, որպեսզի Քարտհաուսի միջնակարգ դպրոցի լավ ավարտավկայականը ձեռքին՝ վերջ տալով շրջանային քաղաքի փոստում աշակերտությանը, այժմ Դանցիգի գլխավոր փոստատանն սկսի միջին դասի ծառայողի կարիերան։ Ճամպրուկից բացի Յանը իր հորաքրոջ բնակարան էր բերել նամականիշների բավականին ծավալուն իր հավաքածուն։ Նամականիշներ հավաքելը նա սկսել էր վաղ մանկական հասակից, այդ իսկ պատճառով փոստի հանդեպ ուներ ոչ միայն ծառայողական, այլև զուտ անձնական, շատ հոգատար վերաբերմունք։ Մանրակազմ, մեջքը փոքր֊ինչ կոր երիտասարդը աշխարհին էր ներկայանում հաճելի, ձվաձև, գուցե քիչ քաղցր դեմքով և երկնագույն աչքերով, մի խոսքով, լիովին բավարար, որպեսզի իմ մայրը, որի տանսյոթ տարին նոր էր լրացել, նրան սիրահարվեր։ Յանին արդեն երեք անգամ զորակոչել էին զինվորական զննման և ամեն անգամ խոտանել հիվանդության պատճառով։ Իսկ այն ժամանակներում բոլոր քիչ թե շատ բարեկազմները ուղիղ ճանապարհով ուղարկվում էին դեպի Վերդեն, որպեսզի հետո ֆրանսիական հողի վրա հավերժ հորիզոնական դիրք ընդունեն, ինչպես սահմանադրության հույժ պերճախոս լեզվով ասում էր Յան Բրոնսկին։

Սիրավեպը, անկեղծ ասած, պետք է սկսվեր արդեն նամականիշների համատեղ ուսումնասիրությունից, գլուխ գլխի տված առավել արժեքավոր նմուշների ատամիկների զննումից։ Սակայն այն սկսվեց կամ ասենք, պոռթկաց, միայն երբ Յանին կանչեցին չորրորդ զննման։ Մայրիկս ուղեկցում էր նրան, որովհետև, միևնույն է, նրան պետք էր գնալ քաղաք, և այնտեղ սպասում էր պահակակետ պահակախցիկի մոտ, որը հսկում էր պահեստները։ Յանի հետ որոշեցին, որ այս անգամ արդեն իրենք պետք է ուղևորվեն Ֆրանսիա, որպեսզի այդ երկրի երկաթով ու արճիճով հարուստ օդը բուժի Յանի թույլ կրծքավանդակը։ Հնարավոր է, որ մայրս բազմիցս վերահաշվեց աշխարհազորային համազգեստի կոճակները և ամեն անգամ՝ տարբեր արդյունքներով։ Ես միանգամայն կարող եմ պատկերացնել, որ ցանկացած համազգեստի վրա կոճակները տեղակայված են այնպես, որ թվով վերջին կոճակը խորհրդանշում է Վոգեզովի բազմաթիվ բարձրունքներից մեկը, կամ գետակը՝ Զոմեն, կամ Մարնեն։

Երբ չորրորդ անգամ զննման եկած տղան գրեթե մեկ ժամ անց դուրս թռավ շրջանային պարետատան շքամուտքից, ցած գլորվեց աստիճաններից և ընկավ Ագնեսի՝ այսինքն՝ իմ մոր, պարանոցը, նրա ականջին շշնջաց այն ժամանակ շատ տարածված ասացվածքը․ «Ոչ կաշի, ոչ մռութ, մի տարի կհետաձգենք»։ Մայրիկս առաջին անգամ գրկեց Յան Բրոնսկուն, և ես վստահ չեմ, թե նրան ապագայում ևս վիճակված էր նույնչափ երջանիկ լինել, երբ նա գրկում էր Յանին։ Ռազմական տարիների այս պատանեկան սիրո մանրամասներն ինձ հայտնի չեն։ Յանը վաճառեց իր նամականիշների հավաքածուի մի մասը, որպեսզի համապատասխանի մայրիկիս հավակնություններին, որը ցայտուն արտահայտած՝ հակում ուներ ամեն գեղեցիկի, մոդայիկի և թանկարժեքի հանդեպ, բացի այդ, նա հենց այդ ժամանակ օրագիր էր պահում, որը հետագայում դժբախտաբար կորավ։ Տատիկս, ամեն ինչից դատելով, ներողամտորեն էր վերաբերվում երիտասարդների կապին՝ դժվար չէր կռահել, որ այդ կապը դուրս էր գալիս զուտ բարեկամականի շրջանակներից, քանի որ Յան Բրոնսկին շարունակում էր կենալ Տրոիլի նեղ բնակարանում։ Նա դուրս եկավ միայն պատերազմի ավարտից քիչ անց և այն էլ այն ժամանակ, երբ արդեն հնարավոր չէր չնկատել ոմն պարոն Մացերատի գոյությունը և, հետևաբար, հարկ եղավ դա խոստովանել։ Մայրս, պետք է կարծել, վերոհիշյալ պարոնի հետ ծանոթացավ տասնութ թվի ամռանը, երբ բուժքրոջ օգնականուհի էր Օլիվայից ոչ հեռու Զիլբերհամեր լազարեթում։ Ալֆրեդ Մացերատը, որը ծնունդով Ռայնլանդից էր, պառկած էր այնտեղ ազդրի փափուկ մկանների միջացիկ վնասվածքով և, շնորհիվ իր ռայնլանդական կենսախնդության, շուտով դարձավ բոլոր քույրերի սիրելին՝ չբացառելով քույր Ագնեսին։ Նա ոլոր֊մոլոր քայլում էր միջանցքով, քույրերից որևէ մեկի թևը մտած և օգնում էր Քույրիկ Ագնեսային խոհանոցում, որովհետև չափազանց շատ էր նրա կլորիկ դեմքին սազում քույրական գլխաշորը՝ դրան գումարած այն հանգամանքը, որ նա կրքոտ կլանված էր եփել֊թափելով և կարողանում էր իր զգացմունքները ներդնել ապուրների մեջ։

Առողջանալուց հետո Ալֆրեդ Մացերատը մնաց Դանցիգում և անմիջապես աշխատանք գտավ թղթարդյունաբերության խոշոր ձեռնարկությունում՝ որպես իր ռայնյան ձեռնարկության ներկայացուցիչ։ Պատերազմը գնում էր դեպի ավարտը և, առիթ ստեղծելով ապագա պատերազմների համար, ժողովուրդը նստեց խաղաղ պայմանագրեր կազմելու, Վայքսելի[4] գետաբերանն ընդգրկող շրջանից ակասծ Ֆոգելզանգից, որը Նեհրունգ գետակի վրա է, մոտավորապես Նոգատ գետի երկայնքով մինչև Պիկելը, այնտեղ գնալով Վայքսելի հոսանքով ներքև, մինչև Չատկաու, այնուհետև ուղիղ անկյան տակ դեպի ձախ՝ մինչև Շյոնֆլիս, այնտեղ, աղեղնաձև ծռվելով Զասկոշինսկյան փշատերև անտառի շուրջ մինչև Օտոմինյան լիճը, մի կողմ թողնելով Մատերնը, Ռամքաուն և իմ տատիկի Բիսաուն և դուրս գալով դեպի Բալթիկ ծով Կլյայն֊Կացի մոտ՝ այդ շրջանը հռչակվեց Ազատ Դանցիգ քաղաք և վերաենթարկվեց Ազգերի Լիգային։ Լեհաստանը քաղաքի տարածքում ստացավ ազատ նավահանգիստ՝ Վեստերպլատեն իր զինանոցով, երկաթգծի տնօրինությամբ և Հևելիուս֊պլացի վրայի սեփական փոստատնով։

Այն ժամանակ, երբ Ազատ քաղաքի նամականիշները նամակների համար առաջարկվում էին կարմրաոսկեգույն հանզայական ճոխության գերբի վրա առևտրականի պատկերով, լեհերը նամակների վրա կպցնում էին աչքի զարնող մանուշակագույն նկարներ, որոնք պատկերում էին պատմություններ Կազիմիրի և Բատորիի մասին։

Յան Բրոնսկին ծառայության տեղափոխվեց Լեհական փոստատուն։ Նրա տեղափոխությունը հավասարապես նրա լեհական քաղաքացիությունը, անսպասելի էր դիտվում։ Որպես պատճառներից մեկը, որի դրդմամբ նա լեհական քաղաքացիություն ընդունեց, շատերը համարեցին իմ տատիկի վարքագիծը։ Քսան թվին, երբ մարշալ Պիլսուդսկին Վարշավայի տակ ջախջախեց Կարմիր բանակը, և այդ հրաշքի համար Վայքսելի վրա մարդիկ, Վինցենտ Բրոնսկու պես, շնորհակալություն էին հայտնում Կույս Մարիամին, իսկ ռազմական գործի գիտակները բոլոր ձեռքբերումները վերագրում էին գեներալ Սիկորսկուն կամ գեներալ Վեյգանդին՝ մի խոսքով այդ բուն լեհական տարեթվին իմ մայրիկը նշանվեց կայսերական գերմանացի Մացերատի հետ։ Ես ուզում եմ մտածել, որ Աննա տատիկս նույնչափ հավանություն տվեց այդ նշանդրեքին, որչափ և Յանը։ Նա աղջկան զիջեց Տրոիլի վրայի նկուղային կրպակը, որն այդ ընթացքում նշանակալի ծաղկման էր հասել, ինքը տեղափոխվեց Բիսաու, իր Վինցենտ եղբոր մոտ, կարճ ասած՝ լեհական հողերի վրա և, ինչպես մինչկոլյայչեկան ժամանակներում, իր վրա վերցրեց բակը, ճակնդեղի ու կարտոֆիլի դաշտերը, երջանկությամբ համակված իր եղբորը ընձեռելով առավել շատ ժամանակ Լեհաստանի կույս թագուհու հետ շփման ու երկխոսության համար, իսկ ինքը բավարարվեց իր չորս շրջազգեստներով այրվող տերևուքով աշնանային խարույկի մոտ նստելու և առաջվա պես հեռախոսասյուներով անդամահատված հորիզոնի ուղղությամբ նայելու հնարավորությամբ։

Միայն երբ Յան Բրոնսկին գտավ իր Հեդվիգին՝ կաշուբացի աղջկան, որը թեև քաղաքաբնակ էր, բայց Ռամքաուի տակ վարելահող ուներ և գտնելով իր կեսին՝ ամուսնացավ, Յանի և իմ մոր միջև հարաբերությունները փոքր֊ինչ լավացան։ Վոյկե սրճարանում պարահանդեդի ժամանակ, որտեղ նրանք պատահմամբ հանդիպեցին, մայրս Յանին ներկայացրեց Մացերատին։ Իրարից այդքան տարբեր, սակայն իմ մայրիկի հանդեպ վերաբերմունքով այդքան միաբան մարդիկ հավանեցին միմյանց՝ չնայած Մացերատն իր ռայնյան դիալեկտով Յանի՝ Լեհական փոստատուն տեղափոխվելը վիրավորական ձևով անվանեց հիմար երանություն։ Յանը պարում էր մայրիկիս հետ, Մացերատը՝ հաստոսկր Հեդվինի, որն օժտված էր խորհրդավոր կովային հայացքով, ինչը շրջապատին դրդում էր մշտապես նրան համարել հղի։ Նրանք դեռ շատ պարեցին միամյանց հետ ու խաչաձև և ամեն մի նոր պարի ժամանակ արդեն մտածում էին հաջորդի մասին՝ պարի ձայները լսելուն պես միմյանցից առաջ անցնելով, իսկ անգլիական վալսի ձայների ներքո իրենց ազատագրված զգալով և, ի վերջո, չարլստոնի ժամանակ իրենց նկատմամբ հավատ ձեռք բերելով, իսկ դանդաղ ֆոկստրոտի ժամանակ՝ զգացմունքայնություն, որը մոտենում էր կրոնական էքստազին։

Երբ Ալֆրեդ Մացերատը քսաներեք թվին, ― իսկ այդ թվին մեկ տուփ լուցկու գնով կարելի էր ողջ ննջասենյակը պաստառապատել, ― ամուսնացավ մայրիկիս հետ, վկաներից մեկը Յանն էր, իսկ մյուսը՝ գաղութային ապրանքների կրպակի տնօրեն Մյուլենը։ Վկա Մյուլենի մասին ես շատ բան չեմ կարող հաղորդել։ Սակայն հիշատակել նրան պետք է այն պատճառով, որ մայրիկս և Մացերատը վերագնեցին նրա՝ անպարտաճանաչ պարտապանների պատճառով սնանկացած Լանգֆուր արվարձանի կրպակը ճիշտ այն պահին, երբ մտցրին հողային տուրքը։ Կարճ ժամանակահատվածում մայրիկս, որը Տրոիլի նկուղային կրպակում յուրացրել էր ամեն տեսակի պարտքով ապրանքներ վերցնող գնորդների հետ վարվեցողության արվեստը և, դրան գումարած, բնությունից օժտված էր գործարար ջիղով, հումորի զգացումով և խոսակցության ժամանակ աշխուժությամբ, կարողացավ այն աստիճան ոտքի հանել հալիծ ընկած կրպակը, որ Մացերատը ստիպված էր թողնել թղթարդյունաբերության ճյուղում ներկայացուցչի իր տեղը և օգնել կրպակում։

Նրանք հրաշալիորեն լրացնում էին մեկը մյուսին։ Այն, ինչին հասավ մայրիկս՝ վաճառասեղանի ետևից շփվելով գնորդների հետ, ռայնլանդացուն հաջողվեց ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ շփման մեջ և մեծաքանակ ապրանք գնելիս։ Գումարեք նաև Մացերատի հակումը դեպի խոհանոցային գոգնոցը, դեպի խոհանոցի աշխատանքը, որն իր մեջ ներառում էր ամանների լվանալը, ինչը էապես հոգսաթափում էր մայրիկիս, որը նախընտրում էր արագ պատրաստվող կերակրատեսակներ։

Չնայած կրպակին կից բնակարանում նեղվածք էր և իրերով լի, եթե այն համեմատենք Տրոիլի բնակարանի հետ, որն այնուամենայնիվ ինձ հայտնի է միայն պատմածներից, բավականաչափ քաղքենիական էր, որպեսզի մայրս, համենայն դեպս ամուսնության առաջին տարիներին, բախտավորություն ունենար Լաբեսվեգում։

Բացի երկար և մի փոքր էլ կոր միջանցքից, որի մեծ մասում վեր էին խոյանում լվացքի փոշու տուփերը, գոյություն ուներ նաև ընդարձակ խոհանոց, որը, սակայն, նույնպես կիսով չափ ապրանքներով էր լցված․ պահածոյի բանկաներ, պարկով ալյուր և տուփերով վարսակի փաթիլներ։ Այդ բնակարանի հիմքը, սակայն, առաջին հարկում կազմում էր հյուրասենյակը՝ երկու պատուհաններով, որոնք նայում էին ամռանը բալթիական խխունջներով շարված փոքրիկ պարտեզին և փողոցին։ Եթե պաստառների մեջ գերակշռում էր գինեկարմիր գույնը, ապա շեզլոնգները երեսպատված էին գրեթե ծիրանագույնով։ Շարժական, կլորացված անկյուններով ճաշասեղանը, չորս սև կաշեպատ աթոռները և կլոր ծխասեղանիկը, որը պարբերաբար փոխում էր տեղը, սև ոտքերով հենվում էին խալուն։ Սև ոսկեպատ հատակին կանգնած ժամացույցը միջնորմում էր։ Սև, ծիրանագույն շեզլոնգին հպված դաշնամուրը սկզբում վերցնում էին վարձակալությամբ, սակայն աստիճանաբար ետ գնեցին, պտտվող աթոռակը դեղնասպիտակ մորթու վրա էր, դաշնամուրի դիմաց։ Սև բուֆետի՝ հղկված ապակիներով, շարժական դռները շրջանակված էին սև գոգավոր սյունիկներով, ներքևի ամանեղենը և ճաշասենյակի սպիտակեղենը թաքցնող դռները պատված էին զանգվածային֊սև մրգապատկեր հարթաքանդակով, սև թաթոտքերով, սև, փորագրված գլխադիրով, իսկ հախճապակյա, թղթե միրգ֊խաղալիքներով լի սկահակի և վիճակախաղով շահած կանաչ գավաթի միջև՝ հենց այն որմնախորշը, որը մորս ակտիվ առևտրական գործունեության շնորհիվ քիչ ժամանակ անց ամբողջապես զբաղեցրեց բաց շագանակագույն ռադիոընդունիչը։

Ննջասենյակը, որտեղ գերակշռողը դեղին երանգներն էին, պատուհաններով նայում էր չորսհարկանի վարձով տրվող տան բակին։ Եվ, խնդրում եմ, հավատացեք խոսքիս, լայն ամուսնական մահճակալի վերևի ամպհովանին նուրբ֊երկնագույն գույնի էր, որի գլխավերևում, այդ նուրբ երկնագույնի մեջտեղում, շրջանակի մեջ և ապակու տակ դրված էր քարանձավում ապաշխարող մարմնագույն Մագթաղինացին՝ իր հառաչանքները առաքելով դեպի կտավի վերին աջ անկյունը և կրծքի առաջ ձեռքերն այնպես կոտրատելով, որ ասես մատների թիվը տասից ավելի են․ համենայն դեպս ցանկություն էր առաջանում կրկին դրանք հաշվել։ Ամուսնական մահճակալի դիմացը՝ հայելապատ դռներով, սպիտակ լաքով պատած զգեստապահարանն էր, ձախից՝ զարդասեղանիկը, աջից՝ մարմարե կափարիչով կոմոդը, առաստաղից կախված է լամպ՝ մեծ, վարդագույն ճենապակյա լուսամփոփներով, այնպես որ երևում է լամպի ճառագայթող լույսը, ննջասենյակի ջահը։

Այսօր ես թմբկահարեցի օրվա ողջ երկար առաջին կեսը՝ իմ թմբուկին հարցեր տալով․ հարցնում էի, թե ինչպիսի լամպեր են եղել մեր ննջասենյակում․ քառասո՞ւն մոմանոց, թե վաթսուն։ Ես արդեն առաջին անգամը չէ, որ ինձ և իմ թմբուկին տալիս եմ այդ կարևոր հարցը։ Երբեմն ժամեր են անցնում, նախքան ես կարողանում եմ գտնել դեպի այդ լամպերը տանող ուղին։ Քանզի մի՞թե պետք չէ ամեն անգամ կանխապես մոռանալ լույսի հազարավոր ակունքների մասին, որոնք ես, հաճախելով կամ լքելով հազարավոր բնակարանները, կենդանացնում կամ քնեցնում էի համապատասխան անջատիչների օգնությամբ, որպեսզի հետո արդեն առանց սայթաքելու, թմբկահարելով գտնեի ճանապարհը անտառից դեպի Լաբեսվեգի մեր ննջարանի լուսամփոփները։

Մայրս ծննդաբերեց տանը։ Երբ սկսվեցին կծկումները, նա դեռ կանգնած էր կրպակում, շաքարավազ էր լցնում ֆունտանոց և կեսֆունտանոց կապույտ տոպրակների մեջ։ Երբ արդեն ուշ էր նրան տանել կլինիկա, հարկ եղավ վազել հարևան Գերտշտրասեում ապրող ծեր տատմոր ետևից, որը դեռևս ժամանակ առ ժամանակ ձեռքն էր վերցնում գործիքներով ճամպրուկը։ Ննջասենյակում նա օգնում էր ինձ և մայրիկիս բաժանվել։

Այսպիսով, ես առաջին անգամ տեսա լույսը երկու վաթսունվատանոց լամպերի կերպարով։ Իսկ այդ պատճառով նաև մինչ օրս աստվածաշնչյան «Եղիցի լույս, և եղավ լույս» տեքստը ինձ ներկայանում է որպես Օսրամ ձեռնարկության՝ չափից դուրս հաջողված գովազդային լոզունգ։ Եթե չհաշվենք շեքերի անխուսափելի ճեղքումը, իմ ծնունդը անցավ հարթ։ Ես առանց որևիցե դժվարության դուրս եկա գլխով առաջ՝ վիճակ, որն այդքան բարձր է գնահատվում ծննդկանների, սաղմերի և մանկաբարձուհիների կողմից։

Անմիջապես տեղյակ պահած լինելու համար ասեմ, որ ես պատկանում եմ այն դյուրընկալ մանուկների թվին, որոնց հոգևոր զարգացումը լույս աշխարհ գալու պահից ավարտվում է, իսկ հետագայում արդեն պետք է ընդամենը այն հաստատել։ Երբ սաղմնային զարգացման փուլում էի, ես ունկնդրում էի միայն ինքս ինձ և արտացոլվելով պտղին հարակից ջրերում, զգալով ինքնահարգանք, նույնքան քննադատաբար էի ունկնդրում ծնողներիս առաջին ինքնաբուխ ռեպլիկները՝ հիշատակված երկու լամպերի լույսի ներքո։ Իմ ականջը հազվագյուտ սուր լսողություն էր դրսևորում։ Թող որ այն փոքր էր, տափակեցված և կպչուն, համենայն դեպս արժանի էր «սքանչելի» անվանմանը։ Այն պահպանել էր ինձ համար այնքան կարևոր, ինչպես առաջին տպավորությունը, բոլոր արտահայտություններից յուրաքանչյուրը։ Ավելին, ականջովս ողջ ընկալածն ես անմիջապես գնահատում էի իմ փոքրիկ ուղեղով և, արժանի կերպով վերլուծելով լսածս, որոշում էի սա անպայման անել, իսկ այն անկասկած թողնել։

«Տղա է, ― ասաց այն պարոն Մացերատը, որին ես համարում էի ինձ հայր, ― ինչ֊որ ժամանակ հետո կրպակը կդառնա նրանը։ Այժմ մենք վերջապես գիտենք, թե հանուն ինչի ենք այդպես կոտորվում»։

Մայրիկս կրպակի մասին մտածում էր քիչ, իսկ շատ էր մտածում իր որդու հանդերձանքի մասին․ «Ես այդպես էլ գիտեի, որ տղա է ծնվելու չնայած, որ բազմիցս ասել եմ, թե կծնվի Մարիելա»։

Այդպես ես ժամանակից շուտ ծանոթացա կանացի հոգեբանությանը, ինչից հետո լսեցի նաև այսպիսի բառեր․ «Երբ լրանա փոքրիկ Օսկարի երեք տարին, նա մեզնից թիթեղյա թմբուկ կստանա»։

Երկար ժամանակ համեմատելով մայրական ու հայրական խոստումները, ես՝ Օսկարս, հետևում էի գիշերային թիթեռնիկին, որը պատահմամբ հայտնվել էր սենյակում։ Ոչ այնքան խոշոր, խավոտ, նա պտտվում էր զույգ վաթսունմոմանոց լամպերի շուրջ՝ նետելով ստվերներ, որոնք էապես գերազանցում էին նրա թևերի իրական չափերը։ Դրանք իրենց թրթռումով ծածկում էին ողջ սենյակը, լցնում էին այն, լայնացնում։ Սակայն ես ավելի հիշեցի ոչ այնքան լույսի ու ստվերի խաղը, որքան այն ձայնը, որն առաջանում էր թիթեռնիկի ու լամպի միջև։ Թիթեռնիկը ճթճթացնում էր, կարծես շտապում էր ազատվել իր գիտելիքից, կարծես ապագայում նրան ժամանակ չէր մնալու լույսի աղբյուրի հետ զրույցների համար, կարծես թիթեռնիկի ու լամպի միջև զրույցը բոլոր դեպքերում թիթեռնիկի վերջին խոստովանանքն էր։ Մի յուրօրինակ թողություն ստանալով, որն ի վիճակի են պարգևել միայն շիկացման լամպերը, նա այլևս երբեք արժանի չի լինի ո՛չ մեղք գործելու, ո՛չ գայթակղվելու։

Ներկայումս Օսկարը ուղղակի ասում է՝ թիթեռնիկը թմբկահարում էր։ Ես լսել եմ, թե ինչպես են թմբկահարում ճագարները և աղվեսները։ Գորտերը կարող են վատ եղանակ թմբկահարել։ Փյատփորիկի մասին բամբասում են, թե իբր թմբկահարելով՝ ճիճուներին քշում է ծառից։ Վերջիվերջո, մարդն էլ է թմբկահարում մեծ թմբուկների կամ կաթսաների վրա։ Նա խոսում է թմբկագլանով ատրճանակների, կրակոցների թմբուկային կոտորակի մասին, թմբուկի հարվածով մարդկանց ժողովում են, թմբուկի հարվածով ուղեկցում են գերեզման։ Դա անում են թմբկահարները, փոքրիկ թմբկահարները։ Կան երգահաններ, որոնք համերգներ են գրում լարային և հարվածային գործիքների համար։ Ես ինձ իրավունք կվերապահեմ ձեզ հիշեցնել նաև երեկոյան մայրամուտի մասին՝ սովորկան և հանդիսավոր, Օսկարի ձեռք բերած փորձի մասին, սակայն բոլոր թվարկածները ոչ մի դեպքում չեն կարող համեմատվել այն թմբուկային զեխության հետ, որը թիթեռնիկը սարքեց իմ ծննդյան պատվին երկու ամենապարզագույն վաթսուն վատանոց լամպերի հետ։ Հնարավոր է, որ մութ Աֆրիկայում հանդիպում են սևամորթներ, ինչպես Ամերիկայում են հանդիպում այն սևամորթները, որոնք դեռ չեն մոռացել Աֆրիկան։ Հնարավոր է այդ մարդկանց, որոնք բնությունից օժտված են ռիթմի զգացումով, տրված է նույն կերպ, ինչպես և իմ՝ կամ աֆրիկյան թիթեռնիկներին, կարգապահ և միաժամանակ թմբկահարել։ Աֆրիկական թիթեռնիկները, ինչպես հայտնի է, շատ ավելի խոշոր են ու շքեղ, քան Արևելյան Եվրոպայի թիթեռնիկները։ Ես, սակայն, պահպանում եմ միջին չափերը իմ ծննդյան ժամի գիշերային թիթեռնիկի շագանակագույն փոշու հետ և անվամում նրան «Օսկարի դաստիարակը»։

Այս ամենը տեղի էր ունենում սեպտեմբերի առաջին օրերին։ Արևը գտնվում էր Կույս նշանի տակ։ Հեռու գիշերվա միջից մոտ էր սողում ուշացած ամպրոպը՝ տեղաշարժելով արկղերն ու պահարանները։ Մերկուրին ինձ քննադատական տրամադրություն էր պարգևում։ Ուրանը դարձրեց հորինումների շատ ունակ։ Վեներան թույլ տվեց ինձ հավատալ, իր փոքրիկ հաջողությանը, իսկ Մարսը՝ իր փառասիրությանը։ Արևածագին էր մոտենում Կշեռքը, ինչը ինձ օժտում էր զգացմունքայնությամբ և դրդում դեպի չափազանցությունները։ Նեպտունը հասավ տասներորդ տանը, կյանքի կեսին և ինձ դրեց հրաշքի ու հիասթափության մեջտեղում։ Իսկ Սատուրնը, երրորդ տանը դիմակայելով Յուպիտերին, կասկածի տակ դրեց իմ գոյությունը։ Սակայն ո՞վ գխիս բերեց թիթեռնիկին, ո՞վ թույլ տվեց նրան, ինչպես և ամռան վերջի ամպրոպի դաստիարակչական որոտին, իմ մեջ հզորացնել սերը դեպի մայրիկիս խոստացած թիթեղյա թմբուկը՝ դարձնելով այդ գործիքը ինձ համար ավելի ու ավելի հարմար ու ցանկալի։

Ուշադրություն շեղելու համար, գոռալով և մանուշակագույն նորածին պատկերելով, ես որոշում ընդունեցի՝ կտրականապես մերժել իմ հոր առաջարկը, այսինքն՝ այն ամենը, ինչ կապված էր գաղութային ապրանքների կրպակի հետ։

Իմ ապագայի վերաբերյալ այս բոլոր մտորումների արդյունքում ես համոզվեցի․ մայրիկիս, ինչպես և Մացերատին, տրված չէ ընկալել իմ առարկություններն ու հետևությունները, և անհրաժեշտության դեպքում դրանց հանդեպ հարգալից վերաբերմունքը։ Միայնակ, ոչ մեկի կողմից չհասկացված Օսկարը պառկած էր լամպերի տակ և իր համար հետևություն էր անում, որ ամեն ինչ այսպես էլ կմնա այնքան ժամանակ, մինչև վաթսուն֊յոթանասուն տարի անց կցամաքեցնի լույսի բոլոր աղբյուրները և այդ իսկ պատճառով կորցրեց ապրելու ցանկությունը ավելի վաղ, քան սկսվեց նրա կյանքը լամպերի տակ․ միայն խոստացված թմբուկը այն ժամանակ ինձ խանգարեց առավել ակտիվորեն արտահայտելու սաղմի՝ գլխով ներքև, նորմալ վիճակին վերադառնալու իմ ցանկությանը։ Դրան գումարած՝ տատմերը արդեն կտրել էր իմ պորտը, այնպես որ այլևս ոչինչ հնարավոր չէր անել։

Լուսանկարչական ալբոմ

Ես գանձ եմ պահպանում։ Բոլոր այս ծանր, միմիայն օրացույցային ամսաթվերից բաղկացած երկար ու ձիգ տարիներին ես պահպանել եմ այն, թաքցրել, կրկին դուրս հանել։ Բեռնատար վագոնով ուղևորության ժամանակ ես, որպես թանկարժեք իր, սեղմել էի այն իմ կրծքին, իսկ, երբ քնում էի, Օսկարը քնում էր իր գանձի՝ լուսանկարչական ալբոմի վրա։

Ինչ պետք է անեի ես առանց ամեն ինչ պարզաբանող, բաց ու մատչելի այդ տոհմական դամբարանի։ Այն քսան էջ ունի։ Եվ ամեն մի էջի վրա մեկը մյուսի կողքին, մեկը մյուսի տակ, ուղղանկյուն, մանրակրկիտ բաշխված՝ մեկ պահպանելով համաչափությունը, մեկ հակառակը՝ խախտելով այն, սոսնձված են չորսական, վեցական, իսկ երբեմն երկուական լուսանկար։ Ալբոմի կազմը կաշեպատ է, և որքան մեծանում է նրա տարիքը, այնքան ուժեղ է գալիս կաշվի հոտը։ Կային ժամանակներ, երբ ալբոմին շատ էին վնասում քամին և վատ եղանակը։ Լուսանկարները պոկվում էին էջերից և իրենց անօգնական տեսքով ստիպում էին ինձ փնտրել հանգիստ ու հարմար առիթ, որպեսզի սոսնձի օգնությամբ լուսանկարին ապահովեի իր գրեթե կորցրած վաղնջական տեղը։

Կա՞, արդյոք, այս աշխարհում մի որևէ բան, մի որևէ վեպ, որն ունենար լուսանկարչական ալբոմի էպիկական ընդարձակությունը։ Մեր բարեսիրտ Արարիչը, որը ջանասեր ֆոտոսիրողի պես ամեն կիրակի լուսանկարում է մեզ վերևից, այսինքն՝ ծայրաստիճան կարճացված, բայց շատ թե քիչ հաջող լուսավորության պայմաններում, ինչից հետո լուսանկարը սոսնձում է իր ալբոմի մեջ։ Նա հատկապես կարող էր անպարկեշտության աստիճան երկար, կայուն ձեռքով ինձ անցկացնել ալբոմիս միջով՝ հող չստեղծելով Օսկարի՝ ամեն կարգի լաբիրինթոսների հանդեպ հակման համար, իսկ ես իմ կողմից կգերադասեի առկա լուսանկարները մատակարարել բնօրինակով։

Զուգահեռաբար նկատենք, որ այդտեղ հանդիպում են տարատեսակ համազգեստներ, փոխվում են նորաձևություններն ու սանրվածքները, մայրիկս դառնում է ավելի գեր, Յանը՝ առավել հյուծված, մի տեղ կարելի է միայն գուշակել, թե ով է արել լուսանկարը, այնուհետև ամեն ինչ այլասերվում է ու վերածվում մեր օրերի կենցաղային նկարի։ Վերցնենք թեկուզ իմ Կոլյայչեկ պապիկի այն հուշարձանը և իմ ընկեր Կլեփի այն անձնագրային լուսանկարը։ Եթե նույնիսկ կողք կողքի դրվի պապիկիս կանաչ գույնով ռետուշավորված դիմանկարը և հարթ կնիքի սպասող Կլեփի լուսանկարը, անմիջապես պարզ կդառնա, թե ուր է մեզ հասցրել լուսանկարչական ոլորտի առաջընթացը՝ մասնավորապես րոպեական լուսանկարչության բոլոր այդ աճապարությունները։ Ընդ որում ես ինձ պիտի շատ հանդիմանեմ, քանի դա անում են Կլեփի հետ, քանզի ալբոմի տիրոջ իրավունքով ես պարտավոր էի հոգ տանել ալբոմի մակարդակի պահպանման համար։ Եթե մի հրաշալի օր մեր առջև բացվի դժոխքի երախը, ապա ամենանրբաճաշակ տանջանքներից մեկը այպիսի տեսք կունենա՝ մերկ մարդուն բանտարկում են իր լուսանկարների հետ միմիևնույն տեղում։ Արագորեն մի քիչ պաթոս ավելացնենք։ «Օ՜, դու, մարդ՝ ընկած րոպեական լուսանկարների, շտապ լուսանկարների, անձնագրի համար դիմանկարների միջև։ Օ՜, մարդ, որ լուսավորված ես փայլատակող լամպով, մարդ, որ ուղղվել ես Պիզայի ծուռ աշտարակի առջև, մարդ՝ լուսանկարչական արվեստանոցի խցից, ով պետք է լույսին ուղղի իր ականջը, որպեսզի լուսանկարը պիտանի լինի անձնագրի համար»։ Իսկ հիմա դեն նետենք պաթոսը․ հնարավոր է, որ այդ դժոխքը լինի միանգամայն տանելի, քանզի ամենագարշելի լուսանկարները գոյություն ունեն միայն երևակայության մեջ, և երբեք չեն նկարահանվել կամ, եթե նույնիսկ նկարահանվել են, ապա չեն երևակվել։

Կլեփը և ես՝ մենք երկուսս Յուլիխերշտրասեում մեր վաղ օրերին երբ, սպագետի ուտելով, սկսեցինք ընկերություն անել, ոչ միայն թույլ էինք տալիս մեզ լուսանկարել, այլև թույլ էինք տալիս երևակել։ Այդ ժամանակներում ես ճամփորդության ծրագրեր էի մշակում։ Այլ խոսքերով, ես այնքան էի ձանձրանում, որ մտադրվեցի ճամփորդություն կատարել, իսկ այդ նպատակի համար պիտի անձնագիր պատվիրեի։ Սակայն, քանի որ ինձ, միևնույն է, փողը չէր բավականանցնի Հռոմ, Նեապոլ կամ, վատագույն դեպքում Փարիզ կատարելիք լիարժեք ճամփորդության համար, ես ակամա ուրախացա կանխիկ գումարի բացակայության համար, քանզի չկա ավելի տխուր բան, քան նման ճնշված տրամադրությամբ մեկնելը։ Իսկ քանի որ մյուս կողմից մեր եկրուսի մոտ փողը բավարար էր կինո գնալու համար, մենք Կլեփի հետ սկսեցինք այցելել կինոթատրոններ, որտեղ, հաշվի առնելով Կլեփի ճաշակը, դիտում էինք վեսթերններ, իսկ հետևելով իմ կարիքներին՝ ֆիլմեր, որոնցում արցունքներ էր թափում Մարիա Շելլը՝ գթության քույրը, իսկ Բորշեն, որպես գլխավոր բժիշկ, բարդ վիրահատությունը նոր ավարտած՝ պատշգամբի դռան մոտ նվագում էր Բեթհովենի սոնատները և պատասխանատվության զգացում էր դրսևորում։ Մենք շատ էինք տառապում այն բանից, որ սեանսը տևում էր ընդամենը երկու ժամ, քանզի որոշ ծրագրեր լիովին կարելի էր երկու անգամ դիտել։ Հաճախ ավարտից հետո մենք վեր էինք կենում և գնում ուղիղ դեպի դրամարկղ, որպեսզի կրկին տոմս վերցնենք նույն այդ ցուցադրության համար։ Սակայն, երբ դահլիճից դուրս գալով՝ մենք դրամարկղի դիմաց հերթ էինք տեսնում, երբեմն մեծ, երբեմն ավելի փոքր, մեր մեջ անմիջապես անհետանում էր ցանկությունը։ Մենք չափից դուրս անհարմար էինք զգում ոչ միայն տոմսավաճառից, այլև բացահայտ անամոթությամբ մեր տեսքերն ուսումնասիրող բոլորովին անծանոթ տիպերից, որպեսզի ռիսկի դիմենինք և ավելացնեինք պատուհանիկի դիմացի հերթը։

Ահա թե ինչու մենք գրեթե ամեն մի սեանսից հետո գնում էինք Կոմս Ադոլֆի հրապարակից ոչ հեռու գտնվող լուսանկարչական արվեստանոց, որպեսզի անձնագրի համար լուսանկար պատվիրենք։ Մեզ այնտեղ արդեն գիտեին, ժպտում էին, երբ մտնում էինք ներս, հնազանդորեն խնդրում էին նստել․ մենք հաճախորդներ էինք, ինչը նշանակում է, որ հարգանք էինք վայելում։ Եվ խցիկը հազիվ ազատված՝ մեզ հերթով այնտեղ էր հրում օրիորդը, որի մասին ես միայն հիշում եմ այն, որ նա հաճելի արտաքին ուներ։ Նախ և առաջ նա ուղղում էր և մի քանի շարժումներով կարգի բերում ինձ, հետո Կլեփին, կարգադրում էր նայել որոշակի կետի՝ մինչև լուսային փայլատակումները և դրանց հետ կապված զանգը տեղեկացնեն, որ մենք իրար ետևից վեց անգամ պատկերվել էինք երիզի վրա։

Հենց նոր լուսանկարված շրթունքների արանքում դեռ թեթև թմրածություն զգալով, մեզ, նույն օրիորդի ուղեկցությամբ, նստեցնում էին հյուսված հարմարավետ բազկաթոռների մեջ, իսկ շատ հաճելի հագնված օրիորդը մեզ սիրալիր խնդրում էր հինգ րոպե սպասել։ Մենք սիրով համաձայնում էինք սպասել։ Վերջիվերջո սպասելու բան ունեինք․ անձնագրի համար լուսանկարները, որոնք մեզ մոտ կենդանի հետաքրքրություն առաջ բերեցին։ Ամենաշատը յոթ րոպե անց նույնքան հաճելի, իսկ մնացածում դժվար նկարագրելի օրիորդը մեզ մեկնեց երկու ծրարիկ, և մենք վճարեցինք դրանց համար։

Օ՜, այդ հրճվանքի զգացումը Կլեփի փոքր֊ինչ չռված աչքերում․․․ Ծրարիկը նոր վերցված՝ մենք միաժամանակ առիթ էինք ստանում ուղղվելու դեպի մոտակա գարեջրատուն, քանի որ ոչ ոք չէր ցանկանա սեփական լուսանկարները ուսումնասիրել աղմկոտ ու փոշոտ փողոցի մեջտեղում՝ խանգարելով հետիոտների անցուդարձին։ Եվ նույն կերպ, ինչպես մենք պահպանում էինք մեկ և նույն լուսանկարչական արվեստանոցի հանդեպ հավատարմությունը, մշտապես այցելում էինք մեկ և նույն Ֆրիդրիխշտասեի գարեջրատունը։ Պատվիրում էինք գարեջուր, սոխով և սև հացով արյունոտ երշիկ։ Մինչ պատվեր բերելը շարում էինք մի քիչ խոնավ լուսանկարները ողջ սեղանի շրջանագծով մեկ և առանց ուշացման մատուցված երշիկից ու գարեջրից հետո խորանում սեփական դեմքի լարված արտահայտության մեջ։

Ընդհանրապես մենք մեզ մոտ մշտապես ունենում էինք լուսանկարներ, որոնք արված էին լինում վերջին կինոարշավի կապակցությամբ և դրանով իսկ համեմատելու հնարավորություն էինք ստանում։ Իսկ այնտեղ, որտեղ կա համեմատության հնարավորություն, կա նաև երկրորդ, երրորդ, չորրորդ, գարեջրով գավաթը պատվիրելու օրինական իրավունք, որպեսզի զվարճանաս կամ, ինչպես ասում են ռայնլանդացիները, տրամադրության գաս։ Սակայն դրանից ամենևին էլ չի բխում, թե թախծոտ մարդը սեփական անձնագրի համար լուսանկարի օգնությամբ կարող է թախիծը դարձնել անառարկայական, քանզի իրական թախիծը արդեն ինքնըստինքյան անառարկայական է, համենայն դեպս՝ իմը։ Կլեփի թախծի համար չէր գտնվում մի շատ թե քիչ ընկալելի բացատրություն, և իր, այսպես ասած, առույգ և ուրախ անառարկայականությամբ այն ոչնչով չթուլացնող ուժ էր ներկայանում։ Եթե նույնիսկ սեփական թախծի հետ հարմարվելու հնարավորություն կար, ապա միայն լուսանկարների օգնությամբ, քանի որ սերիական պատրաստվող րոպեական նկարներում մենք մեզ տեսնում էինք ոչ այնքան պարզորոշ, ավելի շուտ՝ պասիվ և չեզոքացված։ Մենք կարող էինք մեզ վերաբերվել այնպես, ինչպես կամենայինք․ միաժամանակ խմել գարեջուր, տանջել արյունոտ երշիկը, գալ տրամադրության և խաղալ։ Մենք պատռում էինք լուսանկարները, դարսում դրանք, կտրում մկրատով, ինչը մշտապես պահում էինք մեզ մոտ այդ նպատակի համար։ Մենք համատեղում էինք ավելի մեծ ու փոքր պատկերները, մեզ դարձնում միաչքանի, երեքաչքանի, ականջների փոխարեն կպցնում էինք քթեր, լռում էինք կամ գուշակություն անում աջ ականջով և դունչներս փոխարինում էինք ճակատով։ Նման մոնտաժը կատարվում էր ոչ միայն սեփական դիմանկարի հիմքի վրա․ Կլեփը հաճախ էր փոխ առնում իմ մոտի դետալները իր դեմքի համար, ես բնորոշիչը վերցնում էի նրա մոտից․ մեզ հաջողվում էր ստեղծել նոր և, ինչպես մենք էինք կարծում, առավել երջանիկ արարածներ, ժամանակ առ ժամանակ մենք մեկնումեկին նվիրում էինք մի լուսանկար։

Մեզ մոտ, ես սահմանափակվում եմ ինձանով ու Կլեփով, իսկ մոնտաժված կերպարանքները թողնում եմ մի կողմ, մեզ մոտ սովորություն դարձավ ամեն այցելության ժամանակ, իսկ այդ գարեջրատունը մեզ տեսնում էր ոչ պակաս, քան շաբաթը մեկ, նվիրել մատուցողին, որին մենք Ռուդի էինք անվանում, մեկակական լուսանկար։ Ռուդին մի մարդ էր, որն արժանի էր ունենալու տասներկու սեփական երեխա և խնամել ևս ութին։ Նա մտնում էր մեր դրության մեջ և, ունենալով արդեն տասներկու կիսադեմ լուսանկար, իսկ դրանից ավելի՝ դիմահայաց, այնուհանդերձ ամեն անգամ, երբ երկար քննարկումներից և լարված փնտրտուքներից մենք նրան էինք հանձնում հերթական լուսանկարը՝ դեմքին կարեկցանք պատկերելով շնորհակալություն էր հայտնում։

Բուֆետապանուհուն և գոտիով ամրացված սիգարետներով լի մատուցարանով շեկ մազերով աղջկան Օսկարը իր լուսանկարներից ոչ մեկը չէր նվիրել․ կանանց չի կարելի լուսանկարներ նվիրել, նրանք քո նվերը օգտագործում են չար նպատակով։ Այնինչ Կլեփը, որն իր ողջ ազատ պահվածքով հանդերձ կանանց հետ հարաբերություններում երբեք չէր կարողանում ժամանակին կանգ առնել, հաղորդասեր էր խելագարության աստիճան և պատրաստ էր հանուն յուրաքանչյուր կնոջ փոխել վերնաշապիկը։ Մի գեղեցիկ օր նա, առանց ինձ տեղեկացնելու, սիգարետ վաճառող աղջկան նվիրեց իր լուսանկարը, քանզի նշանվել էր այդ տաքարյուն փսլնքոտի հետ, իսկ ավելի ուշ նույնիսկ ամուսնացավ նրա հետ, որպեսզի նրա մոտից հետ վերցնի իր լուսանկարը։

Սակայն ես առաջ ընկա և չափից ավելի խոսքեր նվիրեցի ալբոմի վերջին էջերին։ Տխմար րոպեական լուսանկարները նման ուշադրության արժանի են միայն որպես համեստության առարկա և կոչված են ավելորդ անգամ ցույց տալու, թե որքան մեծ ու անհասանելի, գեղարվեստական իմաստով որքան բարձր է մինչ օրս ինձ ներկայանում ալբոմի առաջին էջում գտնվող իմ պապիկի՝ Կոլյայչեկի դիմանկարը։

Կարճլիկ և լայն՝ նա կանգնած է ձևավոր սեղանիկի կողքին։ Դժբախտաբար, նա նկարվել էր ոչ թե հրձիգ, այլ որպես Վրանկա անունով ինքնակամ հրշեջ դրուժինայի անդամ և, հետևաբար, բեղեր չունի՝ չնայած փրկության համար շքանշանով ճարպկորեն հարմարեցված հրշեջ համազգեստը և սաղավարտը, որոնք սեղանիկը վեր են ածում զոհասեղանի, որոշ չափով փոխարինում են հրձիգի բեղերին։ Կանխատեսելով դարերի սահմանագծի ապագա ողբերը՝ որքան լուրջ է նա կարողանում նայել լուսախցիկին։ Այս հպարտ հայացքը հավանաբար շատ սիրված ու տարածված էր երկրորդ կայսրության ժամանակաշրջանում, չնայած ողջ ողբերգականությանը, պատահական չէ, որ մենք այն տեսնում ենք նաև Գրեգոր Կոլյայչեկի՝ վառոդի ջրաղացի հարբեցողի մոտ, որը լուսանկարում լիովին սթափ տեսք ունի։ Ավելի շատ միստիկ, քանզի լուսանկարել էին Չենստոհայում, ապարատը Վինցենտ Բրոնսկուն պատկերել է այրվող մոմը ձեռքերի մեջ։ Պատանի և հիվանդոտ Յան Բրոնսկուն, անկասկած, կարելի է վերագրել լուսանկարչության սկզբնական շրջանի միջոցներով ձեռք բերած մելանխոլիկ հասունություն։

Նման հայացքը համապատսխան կեցվածքով հանդերձ այն ժամանակվա կանանց տրվում էր ավելի հազվադեպ։ Նույնիսկ իմ Աննա տատիկը, դե իսկ նա, տեսնում է Աստված, անհատականություն էր, Առաջի համաշխարհային պատերազմի սկզբին մոտ լուսանկարներում զարդարում է իրեն հիմարավուն և անբնական ժպիտով ու ոչ մի պատկերացում չի տալիս իր չորս՝ մեկը մյուսի վրա ընկնող շրջազգեստների լայնության մասին։

Անգամ պատերազմի տարիներին էին նրանք ժպտում լուսանկարչին, որը դես ու դեն շարժվելով՝ պարում էր իր սև գլխաշորի տակ։ Ես ունեմ նաև երկու փոստային բացիկների չափով ամուր ստվարաթղթի վրա քսաներեք փոխվորած գթության քույրեր (նրանց մեջ՝ իմ մայրը) որպես Զիլբերհամմեր հոսպիտալի օժանդակ անձնակազմ, որտեղ բոլորը սեղմված են որպես հուսալի հենարան դիտվող շտաբսբուժակի շուրջ։ Դիմակահանդեսի ներկայացման տեսարանում, որում հանդես են գալիս նաև գրեթե առողջացած իր հիվանդները, փոքր֊ինչ ավելի անբռնազբոս են իրենց պահում հոսպիտալային տիկինները։ Մայրիկս իրեն թույլ է տալիս կկոցել աչքերը և դուրս ցցել շուրթերը, ինչպես համբյուրի համար, ինչը, չնայած մորս հրեշտակային թևերին և մետաքսաթել֊ոսկեգույն մազերին, պետք է նշանակի՝ հրեշտակները ևս ունեն սեռ։ Նրա դիմաց ծնկների վրա կանգնած Մացերատը ընտրել է կոստյում, որը մեծագույն հաճույքով կդարձներ իր ամենօրյան․ օսլայված թասակը գլխին՝ նա թափահարում է քափքաշը։ Մինչդեռ համազգեստով, երկրորդ աստիճանի երկաթյա խաչով՝ նա Կոլյայչեկի և զույգ Բրոնսկիների նման ողբերգական ինքնագիտակցությամբ նայում է իր դիմաց և բոլոր լուսանկարներում գերազանցում է կանանց։

Պատերազմից հետո այլ դեմքեր են մոդայիկ դառնում։ Խցիկին նայող տղամարդիկ զարդակաղապարված տեսք ունեն, այժմ արդեն հատկապես կանայք են կարողանում նկարի վրա իրենց մատուցել, նրանք լրջորեն օբյեկտիվին նայելու պատճառ ունեն, հենց նրանք են, որ նույնիսկ ժպտալով ունակ չեն դեն նետելու զգացած ցավի կնիքը։ Այն նրանց շատ էր սազում, քսանական թվերի կանանց վիշտը։ Մի՞թե նրանք, նստած, կանգնած, քունքերին ոլորված սև մազերով, կիսապառկած, չեն կարողանա ներդաշնակություն գտնել Տիրամոր և մարնավաճառ կնոջ միջև։

Իմ քսաներեքամյա մոր լուսանկարը, որը հավանաբար արվել է մինչև նրա հղիությունը, մեզ ցույց է տալիս երիտասարդ կնոջ, որը թեթևակի խոնարհում է կլոր, հարթ վզի վրա հենված, կանոնավոր գլուխը, սակայն նայում է ուղիղ հնարավոր հանդիսատեսի վրա, ինչը մեղմացնում է թիմագծերի զգացմունքայնությունը արդեն հիշատակված վշտաբեկ ժպիտով և ավելի շուտ մոխրագույն, քան կապույտ զույգ աչքերով, որոնք ամեն ինչից դատելով, սովոր են դիտահայել մարդկանց և իր սեփական սիրտը, ինչպես զննում են որոշակի կոշտ առարկան, ասենք՝ սուրճի գավաթը կամ սիգարետի ծայրը։ «Ներթափանցող բառը, եթե ես ցանկանամ մորս հայացքը նկարագրել համապտասխան ածականով, դժվար թե բավարար լինի։

Ոչ առավել հետաքրքրիր, սակայն առավել մատչելի են գնահատման համար և այդ իսկ պատճառով առավել ուսուցողական են այդ տարիների խմբակային լուսանկարները։ Ուղղակի ապշում ես, թե որչափ ավելի գեղեցիկ ու նորամուսնական տեսք ունեին հարսանեկան զգեստները, երբ ստորագրվեց Ռապպալոյի համաձայնագիրը։ Հարսանեկան լուսանկարի մեջ Մացերատը ունի կոշտ օձիգ, լավ, պճնագեղ, գրեթե մտավորականի տեսք։ Աջ ոտքը դրված է առաջ, հնարավոր է, որ դա իր ժամանակի հայտնի դերասաններից ինչ֊որ մեկին, օրինակ՝ Հարրի Լիդկեին, նմանվելու ցանկությունից է։ Այն ժամանակ կարճ շրջազգեստներ էին կրում։ Իմ պսակվող մայրիկի պսակազգեստը՝ սպիտակ, հազար մանրածալվածքներով կիսաշրջազգեստը, հազիվ է ծնկներին հասնում՝ բացելով նրա սլացիկ ոտքերը և սպիտակ կոշիկների միջի նրբագեղ կրունկները։ Մնացած լուսանկարների մեջ հավաքվել են բոլոր հարսանեկան հյուրերը։ Հագնավածների ու քաղաքաբնակի դիրք ընդունածների մեջ է իմ Աննա տատիկը, իսկ նրա՝ Աստծո ողորմածությամբ տուժած եղբայր Վինցենտը անփոփոխ կերպով առանձնանում է իր գավառական խստությամբ և հավատ ներշնչող շփոթվածությամբ։ Յան Բրոնսկին, որն իմ տատիկի պես ծնունդով այն նույն կարտոֆիլի դաշտից է, ինչպես և նրա հորաքույր Աննան, և նրա՝ Երկնային Կույսին հավատարիմ հայրը, կարողնաում է թաքցնել իր գյուղական, կաշունինյան ծագումը Լեհական փոստատան քարտուղարի թափանցիկ պճնագեղության տակ։ Թեև նա փոքրիկ ու փխրուն տեսք ունի՝ կանգնած է տեղ զբաղեցնող հաղթանդամների կողքին։ Նրա անսովոր աչքերը, նրա դեմքի գրեթե կանացի համաչափությունը, նույնիսկ երբ նա կանգնում է վերջում, դառնում են ցանկացած լուսանկարի կենտրոնը։

Արդեն երկար ժամանակ է, ինչ ես զննում եմ որոշակի մի խումբ, որը լուսանկարվել է հարսանիքից քիչ ժամանակ անց։ Ես պետք է ձեռքս վերցնեմ թմբուկը և, փայլատակող շագանակագույն քառանկյանը նայելով, փորձեմ լաքապատ թիթեղի վրա փայտիկների դյութանքներով կենդանացնել ստվարաթղթի վրայի եռաստղայնությունը։

Այս լուսանկարը կատարելու հնարավորությունը ընձեռվել է Մագդեբուրգ և Հերեսանգեր փողոցների անկյունում լեհ ուսանողների հանրակացարանի մոտ՝ այլ խոսքերով, Բրոնսկիների ընտանիքի բնակարանում, քանզի այն ցուցադրում է արևով լի, կիսով չափ փակ այն մոդելի պատշգամբը, որպիսիք շինարարները սիրում էին ծեփակերտել լեհական գյուղարվարձանների բնակարանների վրա։ Մայրիկս նստած է, Մացերատը և Յան Բրոնսկին կանգնած են։ Սակայն հետաքրքիր է նայել, թե ինչպես է նա նստած և ինչպես են նրանք կանգնած։ Կար ժամանակ, երբ ես միամտորեն փորձում էի կարկինի, որը գնելու համար Բրունոյին կրպակ էի ուղարկում, քանոնի ու անկյունաչափի օգնությամբ չափել այդ եռապետության մեջ ուժերի տեղաբաշխումը․ այո, այո, եռապետության մեջ, քանզի մայրս լիովին փոխարինում էր տղամարդուն։ Վզի խոնարհման անկյունը անհավասար եռանկյունի է, որը բերեց զուգահեռների տեղաշարժման, իրար արհեստական համապասխանացմանը, կարկինի այնպիսի շրջապտույտների, որոնք ճակատագրաբար հանդիպում են արդեն եռանկյունու սահմաններից դուրս, այսինքն՝ սիսեռի կանաչ տնկիների ֆոնի վրա՝ գոյացնելով հատման կետ, իսկ ես էլ հենց փնտրում էի կետը՝ հավատով լցված կետի հանդեպ, հենակետերի հանդեպ ձգտմամբ, դեպի ելակետերը և կամ ընդհանրապես տեսակետները։

Այդ դիլետանտական չափումները չհանգեցրին ոչ մի բանի, բացի հազիվ նշմարելի և միաժամանակ զայրացնող անցքերի, որոնք թողեց կարկինը նման անձի լուսանկարի կարևորագույն տեղերի վրա։ Ի՞նչ առանձնահատուկ բան կա այդ լուսանկարի մեջ։ Ի՞նչը դրդեց ինձ փնտրել մաթեմատիկական և ավելին՝ տիեզերական զուգորդությունները, ոչ միայն փնտրել, այլև գտնել, եթե կուզեք իմանալ։ Երեք մարդ, նստած կինը, երկու կանգնած տղամարդիկ։ Նա ունի հարդարված սև մազեր։ Մացերատը՝ բաց գույնի, գանգուր մազեր, իսկ Յանի շագանակագույն խարտյաշ մազերը հարթ սանրված են դեպի ետ։ Երեքն էլ ժպտում են։ Մացերատը ավելի շատ, քան Յան Բրոնսկին, երկուսը միասին բացում են վերևի ատամները հինգ անգամ ավելի շատ, քան մայրս, որի մոտ միայն բերանի անկյուններում ծպտված ժպիտի ստվերն է, իսկ աչքերում ժպիտի հետքն էլ չկա։ Մացերատը ձախ ձեռքը իջեցրել է մայրիկիս աջ ուսի վրա։ Իսկ Յանը բավարարվում է աջ ձեռքը աթոռի թիկնակի վրա դնելով։ Նա, ամբողջապես ուղիղ նստած, ծնկները թեքել է աջ, ծնկների վրա պահում է ինչ֊որ տետր, որը ես երկար ժամանակ ընդունում էի Յանի նամականիշների ալբոմի տեղը, ավելի ուշ՝ որպես մոդայի ամսագիր, ի վերջո, սիգարետի տուփերի վրայից հանված նշանավոր դերասանների դիմանկարների հավաքածու։ Մայրիկիս ձեռքերն այնպիսի ձև էին ընդունել, կարծես որոշել էին թերթել էջը, հենց որ պատկերը հայտնվի լուսանկարչական երիզի վրա և նկարահանումը ավարտվի։ Բոլոր երեքը միանգամայն երջանիկ տեսք ունեն՝ սատարելով մեկը մյուսին, որպեսզի անխոցելի լինեն անսպասելիությունների ժամանակ, որոնք կարող են ծագել, եթե եռամիության անդամներից որևէ մեկը ծրագրի սեփական գաղտնիքները կամ արդեն ամենասկզբից թաքցնում է դրանք։ Լինելով մինյանց հետ կապված, նրանք չեն կարող ապրել առանց չորրորդ մասնակցի, հատկապես՝ առանց Յանի կնոջ՝ Հեդվիգ Բրոնսկու, ծնված Լեկմե, որն այդ ժամանակահատվածում արդեն, հնարավոր է, որ սպասում էր ավելի ուշ ծնված Շտեֆանին։ Չեն կարող այն իմաստով, որ նա պետք է իրենց կողմը ուղղի ֆոտոխցիկը՝ դրանով նրանց ուղղի դեպի երջանկությունը, որպեսզի այդ եռակի երջանկությունը պահպանվի ծայրահեղ դեպքում լուսանկարի միջոցով։

Ես ալբոմից դուրս էի բերում նաև այլ քառանկյունիներ և դրանք դնում այս մեկի կողքին։ Լուսանկարներ, որոնց վրա կարելի է ճանաչել մեկ մայրիկիս՝ Մացերատի հետ, մեկ մայրիկիս՝ Յան Բրոնսկու հետ։ Սակայն լուսանկարներից ոչ մեկի վրա այդքան պարզորոշ չի կարդացվում այն միակ անխուսափելի որոշումը, ինչպես այս «պատշգամբային» լուսանկարում։ Յանը և մայրս նույն պատկերում․ այստեղ ողբերգականի, ոսկեխուզության, ծայրահեղության հոտ է փչում, որը վեր է ածվում գերհագեցման, հանգեցնում ծայրահեղության։ Մացերատը մայրիկիս կողքին՝ այստեղ կաթիլ առ կաթիլ հոսում է կիրակիների հնարավորությունը, որտեղ ճտճտում է վիեննական շնիցելը, այստեղ կա մի քիչ փնթփնթոց նախքան ճաշելը, այստեղ կա մի քիչ հետճաշյա հորանջ, այստեղ կա քնելուց առաջ մեկը մյուսին անեկդոտ պատմելու կամ հայտարարագրի մասին հիշեցման անհրաժեշտություն, որպեսզի ամուսնությունը հոգևոր հիմք ձեռք բերի։ Եվ, այնուհանդերձ, ես լուսանկարի վրա պատկերված ձանձրույթը գերադասում եմ առավել ուշ տարիների զզվելի րոպեական լուսանկարից, որը պատկերել է մորս Ֆրոնդենթալից ոչ հեռու Օլիվյան անտառի ֆոնի վրա Յան Բրոնսկու ծնկներին նստած։ Սա անպարկեշտություն է՝ Յանը ձեռքը մտցրել է մորս հագուստի տակ՝ արտահայտում է միայն խելահեղ կիրքը դժբախտ կնոջ, որը Մացերատի հետ ամուսնության առաջին իսկ օրվանից անհավատարիմ զույգ էր դարձել, որի համար էլ, ինչպես ես եմ ենթադրում, Մացերատը հանդես էր գալիս անտարբեր լուսանկարչի դերում։ Չկա նույնիսկ հետքը այն հանգստության, այն գիտակցության զգույշ ժեստերի, որոնք մենք տեսնում ենք «պատշգամբային» լուսանկարի վրա և որոնք, հավանաբար, հնարավոր են միայն այն ժամանակ, երբ երկու տղամարդ կանգնած են մայրիկիս ետևում, նրա կողքին կամ պառկած են նրա ոտքերի մոտ, ինչպես Հոյբուդի ծովափին՝ տե՛ս լուսանկարը։

Կա ևս մի քառանկյունի, որն ինձ ցույց է տալիս իմ առաջին տարիների երեք ամենագլխավոր մարդկանց, որոնք կազմում են եռանկյունի։ Թող որ այստեղ չի հաջողվել հասնել խտացման այն աստիճանին, ինչ «պատշգամբային» լուսանկարի վրա, այն այնուհանդերձ ճառագայթում է նույն այն լարվածությամբ հղի հաշտությունը, որը, թերևս, չի կարելի կնքել կամ ստորագրել այլ կերպ, քան երեք մասնակիցների միջև։ Կարելի է որքան ասես հայհոյել սիրված թատերական եռանկյունու թեմայի առթիվ, սակայն եթե բեմի վրա երկու մարդ են, ապա ինչ կհրամայեք նրանց անել, քան մեռնելու աստիճան բանավիճել կամ գաղտնի երազել երրորդի մասին։ Եվ այսպես, իմ նկարի վրա նրանք երեքն են։ Նրանք զբաղված են սկատ թղթախաղով։ Ավելի ճիշտ ասած, նրանք բռնել են իրենց խաղաթղթերը, ինչպես լավ ընտրված հովհարներ, սակայն նայում են ոչ թե իրենց հաղթաթղթին, ինչպես կարգն է, որպեսզի նշանակեն խաղը, այլ օբյեկտիվին։ Յանի ձեռքը, եթե չհաշվենք վեր գցած ցուցամատը, հարթ դրված է սեղանի վրա, մանրադրամի կողքին։ Մացերատը եղունգները խրել է սփռոցի մեջ։ Մայրիկը իրեն թույլ է տալիս անել փոքր և, ինչպես ես եմ կարծում, լիովին հաջող կատակ․ նա կիսով չափ բացել է խաղաթղթերից մեկը և ցույց տվել լուսանկարչին, սակայն այնպես, որ մյուս խաղացողները չեն կարող այն տեսնել։ Պարզվում է, որքան հեշտ է մեկ ժեստով, միմիայն կիսաբացված «սրտի դամայով» վերականգնել հին խորհրդավոր խորհրդանիշը․ մեզնից ո՞վ չի երդվել իր սրտի դամային։ Սկատը, իսկ այն, ինչպես հայտնի է, կարելի է խաղալ միայն երեքով, մայրիկիս և նրա երկու խաղընկերների համար կլիներ ամենահարմար խաղը, ինչպես և ապաստանը, հենց այն խաղաղ նավահանգիստը, որում նրանք թաքնվում էին ամեն անգամ, երբ կյանքը նրանց գայթակղում էր ի վերջո զույգ ստեղծել, միևնույն է, թե ինչպիսի զուգակցումով, և խաղալ «վաթսունվեց» կամ «հարբեցող» տիպի հիմար խաղեր։ Սակայն այժմ թողնենք այն երեքին, որոնք ինձ լույս աշխարհ են բերել, չնայած նրանց մոտ այնպես էլ ամեն ինչ կար բավարար քանակով։ Նախքան անձամբ ինձ անցնելը, մի քանի խոսք Գրեթխեն Շեֆլերի՝ մայրիկի ընկերուհու մասին և նրա հացթուխի՝ Ալեքսնդր Շեֆլերի մասին, որը նաև նրա օրինական ամուսինն է։ Նա ճաղատ է, նրա կինը ծիծաղելիս ցուցադրում է իր ձիու ծնոտը, որը բաղկացած է առավելապես ոսկե ատամներից։ Նա կարճոտն է և աթոռի վրա նստած, երբեք ոտքերը գորգին չեն հասնում։ Կինը հագնում է իե ձեռքով գործած շրջազգեստներ, որոնց վրա միշտ չափից դուրս շատ նախշ կա։ Ավելի ուշ զույգ Շեֆլերների լուսանկարները՝ հյուսված բազկաթոռների մեջ կամ «Ուժ՝ սթափության միջոցով» միությանը պատկանող «Վիլհելմ Գուստոլֆ» շոգենավի փրկարար նավակների ֆոնի վրա, կամ Արևելյան Պրուսիայի ծովային նավագնացությանը պատկանող «Թաննենբերգ» զբոսանավի տախտակամածի վրա։ Ամեն տարի նրանք շոգենավով ճամբորդություն էին կատարում և Փիլաուից, Նորվեգիայից, Ազորյան կղզիներից, Իտալիայից տուն և Կլայնհամմերվեգ էին բերում խնամքով պահպանված հուշանվերներ, որտեղ նա բլիթներ էր թխում, իսկ կինը բարձի երեսները ասեղնագործում էր «մկների ատամիկներ» կոչվող նախշերով։ Երբ Ալեքսանդր Շեֆլերը լուռ էր, նա անդադար լեզվի ծայրով խոնավացնում էր վերին շրթունքը, իսկ Մացերատի ընկեր Գրեֆը, որն ապրում էր մեր տնից առիշեղ, դատապարտում էր նման պահվածքը՝ համարելով այն անպարկեշտություն։ Չնայած Գրեֆը ամուսնացած էր, նա ավելի շուտ սկաուտների առաջնորդ էր, քան ամուսին։ Լուսանկարը ցուցադրում է նրան՝ լայնաթիկունք, արևահարված, առողջ մարդուն, կարճ շալվարով համազգեստը հագին, ժապավեններով, ինչպես պատշաճ է առաջնորդին, և սկաուտի գլխարկով։ Այդ նույն հանդերձանքով նրա կողքին կանգնած է սպիտակահեր, թեևս չափից դուրս մեծ աչքերով մի տասներեքամյա տղա։ Գրեֆը ձեռքը դրել է նրա ուսին և, ի նշան շնորհակալության, սեղմում է իրեն։ Ես չգիտեի այդ տղային, Գրեֆին, դեռ հետո պետք է ճանաչեի և հասկանայի նրա կնոջ՝ Լինայի միջոցով։

Ես մոլորվեցի զբոսաշրջիկների լուսանկարների մեջ, որոնք ճամբորդում էին «Ուժ՝ ուրախության միջոցով» կազմակերպության օգնությամբ և վկայում էին սկաուտներին բնորոշ քնքուշ էրոտիկայի մասին։ Ուզում եմ արագ մի քանի էջ շրջել և անդրադառնալ ինձ, իմ առաջին լուսանկարչական պատկերին։

Ես գեզեցիկ երեխա էի։ Լուսանկարն արվել է քսանհինգ թվին, Երրորդության տոնի ժամանակ։ Այդ ժամանակ լրացել էր իմ ութ ամիսը, երկու ամսով պակաս, քան կար Շտեֆան Բրոնսկին, որը պատկերված է հարևան էջում, նույն չափերի լուսանկարի վրա և անհեթեթ ու դատարկ միջակություն է ճառագում։ Լուսանկարն ունի ալիքաձև, կարծես արհեստավարժորեն կտրված անկյուն, հակառակ կողմը տողագծված է հասցեի համար․ այն հավանաբար բազմացված է շատ օրինաներով ընտանեկան օգտագործման համար։ Ալբոմի էջի բացվածքը թույլ է տալիս հորիզոնական տեղադրված ուղղանկյան մեջտեղում տեսնել ձվի համաչափ կորությունը։ Ես մերկ՝ հավանաբար դեղնուց խորհրդանշող տեսքով, պառկած եմ փորիս վրա, սպիտակ գույնի մորթու վրա, որն ինչ֊որ մի սպիտակ արջ, հավանաբար, պարտքով է տվել ինչ֊որ մի արևելաեվրոպացի արհեստավարժ լուսանկարչի, որը մասնագիտանում էր մանկական լուսանկարների ուղղությամբ։ Ինչպես իմ առաջին, այնպես էլ այդ նույն ժամանակահատվածում արված շատ ու շատ այլ լուսանկարների համար շագանակագույն նրբերանգը անսխալ էր ընտրված․ այն հնարավոր չէ շփոթել ուրիշ ոչ մեկի հետ, և ես այն կցանկանայի անվանել մարդկային, ի տարբերություն մեր օրերի հարթ սև֊սպիտակ անմարդկային լուսանկարների։ Անորոշ֊պղտոր, հավանաբար որոշակի գծիկներով նկարված սաղարթը ստեղծում է մուգ, տեղ֊տեղ լույսի ցոլքերով տարանջատված ետին պլան։ Մինչ իմ հարթ, առողջ ու փոքրիկ մարմինը հարթ հանգստությամբ և փոքր֊ինչ թեքությամբ պառկած է մորթու վրա՝ ենթարկվելով սպիտակ արջի հասարակածային հայրենիքի ազդեցությանը, ես ինքս ճգնելով բարձրացնում եմ իմ կլորիկ, գնդի նմանվող մանկական գլուխը և փայլող աչիկներով նայում եմ հնարավոր դիտողին։

Կարելի է ասել՝ նկար է, ինչպես բոլոր մանկական լուսանկարները։ Սակայն, նայեք խնդրեմ իմ ձեռքերին և ստիպված կլինեք խոստովանել, որ իմ առաջին լուսանկարը էապես տարբերվում է անթիվ ուրիշ պատկերներից, որոնք տարբեր այլ ալբոմներում նույն կերպ են ցուցադրում մանկության հմայքը․ ես պառկած եմ՝ ձեռքերս բռունցք արած։ Ոչ թե թոթոլիկ մատիկներ, որոնք ինքնամոռաց, բռնողական բնազդին ենթարկվելով, խաղում են արջի մորթու բրդերի հետ, այլ լրջորեն սեղմված փոքրիկ բռնիչներ, որոնք սավառնում են գլխի երկու կողմերում հավերժ պատրաստ ամեն րոպե իջնել ցած և ասել իրենց խոսքը։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս ասել։ Դե իհարկե թմբկահարելով։

Քանի դեռ նա տեսադաշտում չէ, նրան, ինչը ինձ խոստացվել էր լամպերի լույսի ներքո, ծննդյանս երրորդ օրվա կապակցությամբ, սակայն լուսանկարիչ֊մասնագետի համար ամենևին դժվար չէր համապատասխանը ներկայացնելը, այսինքն՝ մանկական թմբուկը փոքրացած պատկերելը՝ իմ դիրքը փոխելու որևէ քայլ չձեռնարկելով։ Թերևս միայն հարկ լիներ հանել այս հիմար ու անպետք կտորե գազանին։ Առանց այն էլ նա որպես օտար մասնիկ է դիտվում այս, ընդհանուր առմամբ հաջողված, կոմպոզիցիայի մեջ, որի թեման այն ներթափանց, լուսաշատ տարիքն է, երբ փորձում են դուրս գալ առաջին ատամները։

Հետագայում ինձ այլևս սպիտակ արջի մորթու վրա չէին պառկեցնում։ Հավանաբար, ես մեկուկես տարեկան էի, երբ ինձ բարձր անիվներով մանկասայլակի մեջ դրած՝ կանգնեցրին ամառանոցային ցանկապատի ֆոնի առջև, որի ցցերը և տրամագիծը այնքան ճշգրիտ են կրկնօրինակված ձյան ծածկույթի վրա, որ ինձ թույլ են տալիս լուսանկարը համարել քսանվեց թվի հունվարին արված։ Ցանկապատի ձյութաց տախտակի հոտ արձակող, ուշադիր նայելիս, նկատելի, կոպիտ կառուցվածքը, իմ գիտակցության մեջ հիշեցնում է Հոխշտրիսի արվարձանը, որի լայնարձակ զորանոցներում սկզբնական շրջանում բնակվում էին մաքքենզյան հուսարները, իսկ իմ ժամանակներում արդեն՝ Ազատ պետության ոստիկանությունը։ Սակայն քանի որ իմ հիշողությունը այդ արվարձանի հետ կապված ոչ մի անուն չի մտապահել, մնում է ենթադրել, որ լուսանկարը արված է այդ մարդկանց մոտ իմ ծնողների միանգամյա այցելության ժամանակ, որոնց ես հետագայում չեմ տեսել կամ տեսել եմ հպանցիկ։

Ո՛չ մայրիկը, ո՛չ էլ Մացերատը, որոնք մանկասայլակը կանգնեցրել էին իրենց արանքում, չնայած տարվա ցուրտ եղանակին, ձմեռային վերարկուներ չէին հագել։ Ընդհակառակը, մորս հագին երկար թևքերով ու ասեղնագործ նախշերով ռուսական բլուզ էր, ինչը ձմեռային լուսանկարին տալիս էր հետևյալ տեսքը․ սրանք Ռուսաստանի խորքերում նկարահանվող ցարական ընտանիքի անդամներն են։ Ռասպուտինը բռնել է լուսանկարչական խցիկը, ես արքայորդի եմ, իսկ ցանկապատի տակ թաքնված են մենշևիկներն ու բոլշևիկները և, ինքնաշեն ռումբեր պատրաստելով, որոշում են ընդունում վերացնել իմ արքայական ընտանիքը։ Մացերատի բարեկիրթ, միջինեվրոպական և, ինչպես հետագայում պարզ կդառնա, ճակատագրական քաղքենիությունը կթուլացնեն լուսանկարի մեջ թաքնված չարաղետ բալլադի ամբողջ սրությունը։ Մարդիկ այցելեցին խաղաղ Հոխշտրիս, նույնիսկ ձմեռային վերարկու չհագնելով, դուրս եկան կարճ ժամանակով հյուրասեր բնակարանից, և տանտիրոջը խնդրեցին իրենց լուսանկարել ուրախ, ինչպես և հարկն է, իրենց միջև գտնվող Օսկարի հետ, որպեսզի դրանից անմիջապես հետո վերադառնան դեպի քաղցրահամության և կյանքի այլ հաճույքներին, որոնք սպսասում են կարկանդակի, սուրճի և հարված սերուցքի սեղանի մոտ։

Կարելի է գտնել մոտ մեկ դյուժին լուսանկարներ, որտեղ պատկերված է նստած, սողացող, վազող մեկամյա, երկամյա, երկուսուկեսամյա Օսկարը։ Բոլոր այդ լուսանկարները շատ թե քիչ հաջողված են և իրենցից ներկայացնում են այն նախնական փուլը, որը տանում է դեպի հասակով մեկ արված լուսանկարը, որը պատվիրել էին ծննդյանս երրորդ տարելիցի կապակցությամբ։

Այստեղ, այս նկարում, ես արդեն ստացել եմ այն՝ իմ թմբուկը։ Այստեղ դա սպիտակ ու կարմիր ատամներով կախված է իմ փորին, և ես սեփական արժանապատվության զգացումով և դեմքի լուրջ վճռականությամբ թիթեղի վրա խաչում եմ փայտե ձողիկները։ Այստեղ իմ հագին գծավոր սվիտեր է։ Այստեղ ես պճնազարդված եմ փայլուն լաքապատ կոշիկներով։ Այստեղ իմ մազերը ցցված են ինչ֊որ բան մաքրել ցանկացող խոզանակի պես, իսկ իմ կապույտ աչքերի մեջ, նրանցից յուրաքանչյուրի մեջ ճառագում է իշխանության ծարավը՝ չցանկանալով այն որևէ մեկի հետ կիսել։ Այստեղ ինձ հաջողվեց զբաղեցնել մի դիրք, որը փոխելու փոքրագույն առիթ անգամ չունեմ։ Այստեղ ես ասացի, այստեղ ես համարձակվեցի, այստեղ ես որոշում ընդունեցի ոչ մի կերպ քաղաքական գործիչ չդառնալ և առավել ևս գաղութային ապրանքների վաճառքով չզվաղվել, վերջակետ դնել և ընդմիշտ մնալ այդպիսին՝ ահա այսպիսին էլ մնացել եմ, կանգ առել այդ չափերի մեջ և այդ հանդերձանքի մեջ կմնամ ապագայում։

Մեծ մարդիկ և փոքր մարդիկ, մեծ տառեր և փոքր տառեր, թզուկներ և Կարլոս Մեծ, Դավիթ և Գողիաթ, Մատնաչափիկ տղա և գվարդիական հսկաներ։ Իսկ ես մնացի երեքամյա, թզուկ, պստիկ֊ճստլիկ, հավերժ չափապակաս, որպեսզի ինձ չստիպեն գլուխ հանել մեծ և փոքր կատեխեզիսից, որպեսզի ես մեծ չդառնամ ու հասնեմ մեկ մետր յոթանասուներկուսի, չդառնամ այսպես կոչված մեծահասակ և չընկնեմ այն մարդու ձեռքը, որը հայելու առջև սափրվելով, ինքն իրեն իմ հայրն անվանի, որպեսզի իմ վրա չբարդեմ կրպակի համար պատասխանատվությունը, որը Մացերատի կամքով, գաղութային ապրանքների կրպակի կարգավիճակով նախատեսված էր Օսկարի համար․ երբ նրա տարիքը անցնի քսանմեկից, պետք է մուտք գործի մեծահասակների աշխարհ։ Ես կառչեցի թմբուկից, որպեսզի ստիպված չլինեմ չխկչխկացնել դրամարկղը և իմ երրորդ տարեդարձից սկսած չաճեցի ոչ մի դյույմ, մնացի երեք տարեկան, սակայն առնվազն երեք անգամ ավելի իմաստուն, որին բոլոր չափահասները գերազանցել են հասակով, և որը բոլոր չափահասներին գերազանցել է խելքով, որը չի կամեցել իր ստվերը համեմատել նրանց ստվերների հետ, որն ավարտել է իր ներքին և թե արտաքին զարգացումը, այն դեպքում, երբ մեծահասակները նաև խոր ծերության հասակում շարունակում են բլբլալ զարգացման մասին։ Նա, որ առանց մեծ ջանքերի ընկալեց այն, ինչը ուրիշներին տրվում էր մեծ ջանքերով, իսկ երբեմն նաև տանջանքի միջոցով, որը կարիք չուներ ամեն տարի հագնել ավելի ու ավելի մեծ չափերի վարտիքներ ու կոշիկներ՝ հետապնդելով գեթ մի նպատակ՝ հաստատել աճի գործընթացը։

Այնուհանդերձ՝ այստեղ նույնիսկ ինքը Օսկարը չի կարող ժխտել զարգացման գործընթացը, նրա մոտ, այնուամենայնիվ, ինչ֊որ բան աճում էր և՝ ոչ միշտ ի հօգուտ ինձ, աճեց և վերջ ի վերջո հասավ Մեսիական չափերի, սակայն մեծահասակներից ո՞վ էր իմ ժամանակ աչքը վրան պահում, ո՞վ էր լսում անփոփոխ երեքամյա թմբկահար Օսկարին։

Ապակի, բաժակ, ըմպանակ

Եթե ես հենց նոր տվեցի լուսանկարի նկարագրությունը, որտեղ իր ողջ հասակով ներկայացված է Օսկարը, նրա թմբուկը և թմբուկի փայտիկները և դրան զուգահեռ ձեզ հայտնեցի, թե ինչպիսի, վաղուց հասունացած, որոշումներ Օսկարը ընդունեց վերջնականապես, մինչ նրան լուսանկարում էին և մինչ նա դիտահայում էր երեք մոմերով կարկանդակի շուրջ կերուխումը, երբ ալբոմը արդեն լուռ ու մունջ գտնվում է իմ կողքին՝ բաց տեքստով, ես իմ պարտքն եմ համարում հիշատակել այն հանգամանքների մասին, որոնք թեև չեն բացատրում իմ երկար տևած երեքամյա լինելը, բայց և այնպես վկայում են, որ իմ կողմից են հրահրված եղել։

Առաջին իսկ րոպեից ինձ համար պարզ էր՝ մեծահասակներն ինձ չեն հասկանա, և, եթե չաճես այնպես, որպեսզի նրանք կարողանան դա տեսնել, դա կընկալեն որպես քո աճի կանգառ և փողերն ու քեզ կսկսեն քարշ տալ մի բժշկից դեպի մյուսը՝ փնտրելով եթե ոչ քո առողջացումը, ապա ծայրահեղ դեպքում գոնե քո հիվանդության բացատրությունը։ Հետևաբար, խորհրդատվությունները տանելի նվազագույնի հասցնելու համար ինձանից պահանջվում էր նախքան բժշկի բացատրությունը, իմ կողմից իմ աճի կանգի հարգելի որևէ պատճառ բերելը։

Իմ երրորդ ծննդյան տարեդարձը սեպտեմբերի արևոտ օր է։ Ուշ ամառվա քնքուշ ապակե պղպջակները, նույնիսկ Գրեթխեն Շեֆլերի ծիծաղն է հնչում ոչ այնքան կտրուկ։ Մայրիկս դաշնամուրի վրա ինքն իր համար նվագում է հատված «Գնչուների բարոնից», պտտվող աթոռակի ետևում, մայրիկիս թիկունքում նստած է Յանը՝ հպվելով նրա ուսին և իբր թե ուսումնասիրելով նոտաները։ Մացերատը խոհանոցում արդեն հավաքում է ընթրիքը։ Աննա տատիկս թիկնում է Հեդվիգ Բրոնսկուն և Ալեքսանդր Շեֆլերը՝ կանաչի վաճառող Գրեֆին, քանզի վերջինս շատ պատմություններ գիտի՝ սկաուտական պատմություններ, որոնց ընթացքի ժամանակ անփոփոխ բացահայտվում են հոգու ուժն ու հավատարմությունը։ Դրան գումարեք հատակի կանգնովի ժամացույցը, որը սեպտեմբերյան նրբագույն հյուսագրի մեջ ոչ մի քառորդ ժամ չի անտեսում։ Իսկ քանի որ բոլորը ժամացույցի նման զբաղված են գործով՝ սկսած հունգարական հողից, որտեղ անդաստանել էր գնչուական բարոնը և Գրեֆ Վոգեզների սկաուտներից՝ անտեսանելի գիծը ձգվում էր Մացերատի խոհանոցի կողքով, որտեղ թավայի վրա սպառնացող ձայնով թշշում էին ձվով և սալով պատրաստվող կաշուբյան շիկասունկերը։ Միջանցքով դեպի կրպակ ես շարժվեցի այդ նույն կողմով՝ իմ թմբուկի վրա ցածրաձայն թմբթմբացնելով և հայտնվեցի վաճառասեղանի ետևում, դաշնամուրից, շիկասնկերից հեռու՝ նկատելով, որ քաղցրավենիքի սեղանի համար կոմպոտ դուրս բերելու նպատակով նկուղ մտած Մացերատը մոռացել է այն փակել, և նկուղի կափարիչը մնացել է բաց։

Բայց և այնպես մի ամբողջ րոպե հարկ եղավ, մինչև ես հասկացա, թե ինչ է ինձանից պահանջում մեր նկուղի չփակված կափարիչը։ Ոչ ինքնասպանություն։ Աստված մի արասցե։ Դա չափից դուրս պարզունակ կլիներ։ Սակայն մյուս տարբերակը դժվար էր, ցավ պատճառող, ինձանից զոհաբերություն էր պահանջում և արդեն հենց այդ օրը, ինչպես և հետագայում ամեն անգամ, երբ ինձանից պահանջվում էր հերթական զոհաբերությունը, իմ ճակատը պատվում էր գոլորշիով։ Այստեղ ամենագլխավորը այն էր, որ չվնասվեր թմբուկը, այդ իսկ պատճառով որպես սկիզբ այն պետք էր իջեցնել տասնվեց խորդուբորդ աստիճաններով ներքև և տեղավորել այն ալյուրով լի պարկերի միջև՝ դրանով իսկ հետագայում բացատրելով, թե ինչու է թմբուկը մնացել անվնաս։ Հետո կրկին բարձրանալ մինչև ութերորդ աստիճանը, ոչ, թերևս մեկ աստիճանով ներքև կամ մինչև հինգերորդը։ Սակայն ընկնելով այդ աստիճանից, դժվար է հուսալիությունը համատեղել վնասվածքների համոզչականության հետ։ Լավ է բարձրանանք վեր, ոչ, սա չափից դուրս բարձր է՝ ներքևից տասներորդ աստիճանն է, և ի վերջո ես ցած ընկա իններորդից, գլխով առաջ, մառանի ցեմենտապատ հատակին՝ ինձ հետ տանելով ազնվամորու օշարակով լի շշերով մի ողջ մարտկոց։

Նախքան վարագույրը մի կողմ քաշելը, որով փակում էի իմ գիտակցությունը, ես կարող էի համոզվել իմ փորձարարության հաջողության մեջ․ միտումնավոր ցած նետված ազնվամորու օշարակով լցված շշերը աղմուկ հանեցին, որը բավարար էր այն բանի համար, որ Մացերատին դուրս բերեր խոհանոցից, մայրիկիս՝ դաշնամուրի մոտից, իսկ հասարակության մնացած մասին՝ Վեգենզերից ուղղեր դեպի նկուղը։

Սակայն ավելի շուտ, քան նրանք տեղ հասան, ես ինքս հասցրեցի ընտելանալ թափված օշարակի հոտին, համոզվել, որ իմ գլխից արյուն է հոսում և, դրան գումարած, երբ նրանք արդեն ոտք դրեցին աստիճանի վրա, խորհել այն հարցի շուրջ, թե ի՞նչն է ինձ վրա այդքան արագ հոգնածություն բերում․ Օսկարի արյո՞ւնը, թե՞ քաղցր օշարակը։ Այնուհանդերձ մեծագույն ուրախության զգացում կարողացա ապրել, քանի որ ամեն ինչ անհավանականության աստիճան լավ էր հաջողվել, իսկ թմբուկը, իմ ձեռնարկած նախազգուշական քայլերի շնորհիվ, մնաց ամբողջական ու անվանս։

Հիշում եմ, Գրեֆը ինձ գրկած բարձրացրեց վերև։ Միայն հյուրասենյակում Օսկարը դուրս լողաց այն ամպի միջից, որը, հավանաբար, կիսով չափ բաղկացած էր ազնվամորու օշարակից և կիսով չափ՝ մանկական արյունից։ Բժիշկը դեռ տեղ չէր հասել, մայրիկս գոռում էր՝ ապտակներ հասցնելով իրեն հանգստացնելու փորձեր անող Մացերատին, իսկ հետո նաև ձեռքի ետևի մասով հարվածելով նրա դեմքին և նրան մարդասպան անվանելով։

Այսպիսով, չնայած ոչ անվտանգ, սակայն լավ հաշվարկված, աստիճաններից միակ անգամ ցած ընկնելու շնորհիվ բժիշկները կրկին ու կրկին հաստատեցին, որ ես ստացա ոչ միայն մեծահասակների համար իմ աճի կանգի վերաբերյալ այդքան կարևոր բացատրությունը, այլև, դրան գումարած, բարի ու անմեղ Մացերատին դարձրեցի մեղավոր Մացերատ։ Դա նա էր, որ չէր փակել մառանի կափարիչը, նրա վրա էր, որ մայրիկս բարդեց ողջ մեղքը։ Այդ մեղքի գիտակցումը, որի մեջ մայրս չնայած ոչ շատ հաճախ, սակայն անհողդողդ մեղադրում էր նրան, նա տարավ իր հետ տարիների շարանների միջով։

Իսկ ինձ այդ ընկնելն ապահովեց չորս շաբաթվա «հանգիստ» հիվանդասենյակի մահճակալի վրա, իսկ հետո, չհաշված չորեքշաբթի օրերին Հոլլացի մոտ այցելությունները, բժիշկներից հարաբերական ազատություն․ արդեն իմ առաջին իսկ թմբուկային օրը ինձ հաջողվեց աշխարհին նշան անել։ Ինձ հետ կատարված դեպքը մեկնաբանվեց ավելի վաղ, քան մեծահասակները կարողացան հասկանալ, իրերի իրական, իմ կողմից կանխորոշված վիճակը։ Հետագայում խոսվում էր այսպես՝ հենց իր ծննդյան տարեդարձի օրը մեր փոքրիկ երեքամյա Օսկարը ցած ընկավ աստիճաններից և չնայած իր ոչ մի տեղը չկոտրեց, սակայն դրանից հետո դադարեց աճել։

Եվ ես սկսեցի թմբկահարել։ Մեր վարձակալած տունը բաղկացած էր հինգ հարկից, և առաջինից սկսած մինչև չորրոդի ետնախորշերում ես թմբկահարում էի աստիճաններով վեր ու վար։ Լաբեսվեգից մինչև Մաքս֊Հալբե֊պլաց, իսկ այնտեղից դեպի Նոյշոթլանդ, Անտոն Մյուլլերվեգ, Մարիենշթրասե, Քլայնհամմերպարկ, Բաժնետիրական գարեջրի գործարան, Բաժնետիրական արհեստական լճակ, Ֆրեբելվյան մարգագետին, Պեստալոցցիի դպրոց, Նոր շուկա և դեպի ետ՝ Լաբեսվեգ։ Իմ թմբուկը դրան շատ լավ էր դիմանում, մեծահասակները՝ ավելի վատ, նրանք ցանկանում էին փակել իմ թմբուկի բերանը, ցանկանում էին ոտք գցել իմ փայտիկներին, բայց ինձ բնությունն էր խնամում։

Մանկական թմբուկի օգնությամբ իմ և մեծահասակների միջև անհրաժեշտ տարածություն թմբկահարելու ունակությունը հասունացավ աստիճաններից իմ ընկնելուց քիչ ժամանակ անց, և գրեթե անմիջապես էլ բացվեցին ձայնիս կապանքները, ինչը ինձ հնարավորություն տվեց այնքան բարձր նոտաների վրա վիբրատո երգել կամ գոռալ, կամ երգել գոռալով, որ ոչ մեկը չէր համարձակվում այլևս իմ ձեռքից խլել թմբուկը, որից խլանում էին ականջները, քանզի, եթե ինչ֊որ մեկը փորձում էր այն ճանկել, ես սկսում էի գոռալ։ Իսկ երբ ես գոռում էի, արժեքավոր իրերը կտոր֊կտոր լինելով դես ու դեն էին թռչում, իմ գոռոցը սպանում էր ծաղկամանները, իմ երգը ջարդուխուրդ էր անում պատուհանների ապակիները, ալմաստի ցուցափեղկերը՝ չկորցնելով իր բարոյականությունը, ներթափանցում ներդաշնակ, ազնվաբար կորացված, սիրող ձեռքով նվիրված և փոշու բարակ շերտով պատված լիկյորի բաժակները։

Մի քիչ ժամանակ անցավ, և իմ ընդունակությունները լայնորեն հայտնի դարձան մեր փողոցում, Բյոզենբերգից մինչև օդանավակայանին կից ավանը՝ մի խոսքով ողջ թաղամասում։

Բավական էր, որ հարևան երեխաները, որոնց խաղերը ինձ չէին գրավում, տեսնեին ինձ, անմիջապես անլվա մռութների մի ողջ երգչախումբ սկսում էր գոռալ․

Ապակի, բաժակ, ըմպանակ,

Գարեջուր՝ առանց շաքարի,

Տիկին ձյունահողմը կբացի պատուհանը

Եվ դաշնամուրի առաջ կնստի։

Կասկածից վեր է, որ դրանք հիմարավուն, իմաստազուրկ կատակերգեր էին։ Սակայն ինձ դրանք չէին շփոթեցնում, երբ ես իմ թմբուկի հետ քայլում էի «Տիկին Ձյունահողմի» միջով՝ փոխառելով պարզունակ, սակայն հմայքից ոչ զուրկ ռիթմը, թմբկահարում էի «Ապակի, բաժակ, ըմպանակը», և, ամենևին առնետ որսացող չլինելով, երեխաներին տանում էի իմ ետևից։

Այնուամենայնիվ այսօր էլ, երբ Բրունոն լվանում է իմ սենյակի պատուհանը, ես իմ թմբուկի վրա վերհիշում եմ այդ երգն ու ռիթմը։

Հարևանի երեխայի չարաճճիություններից շատ ավելի անտանելի, շատ ավելի տխրություն պատճառող էր, նամանավանդ իմ ծնողների համար, այն թանկ արժեցող փաստը, որ իմ ձայնին էին սկսել վերագրել մեղավորությունը մեր թաղամասի ցինիկ, անդաստիարակ խուլիգանների կողմից կոտրված բոլոր ապակիների համար։ Սկզբնական շրջանում մայրիկս առաքինաբար վճարում էր բոլոր, մեծ մասամբ պարսատիկների օգնությամբ կոտրված, խոհանոցային ապակիների գինը։ Այնուհետև, ի վերջո հասկանալով իմ ձայնի առանձնահատկությունները, նախքան տույժերի փոխհատուցումը, նա սկսեց պահանջել ապացույցներ, և այդ անելիս նրա աչքերը դառնում էին սառը և գորշ։ Իսկ մեր հարևանությամբ ապրող մարդիկ իսկապես որ անարդարացի էին իմ հանդեպ։ Այդ ժամանակաշրջանում ոչինչ չէր կարող առավել անարդար լինել, քան այն փաստարկը, թե իբր ամեն ինչում մեղավորը իմ մեջ նստած ավերիչ մանկական հոգին է, որ ես ոչնչով չբացատրվող ատելության զգացում ունեմ ապակու և ապակուց պատրաստված իրերի հանդեպ, և ինչպես մնացած երեխաները, երբեմն կատաղության բռնկումների ժամանակ ազատություն եմ տալիս իմ մութ ու անիմաստ հակումներին։ Միայն նա է դիտավորյալ ավերում, ով զբաղված է խաղով։ Սակայն ես երբեք չէի խաղում, ես իմ թմբուկի վրա աշխատում էի, իսկ ինչ վերաբերում է ձայնիս, ապա սկզբնական շրջանում ես այն գործածում էի միմիայն անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում։ Միայն թմբուկի վրա աշխատելու իմ մտահոգություններն էին ինձ ստիպում նպատակասլաց գործի դենլ իմ ձայնալարերը։ Եթե ես օժտված լինեի այդ նույն ոճով և այդ հնչյուններով Գրեթխեն Շեֆլերի գեղարվեստական երևակայությամբ ծնված և ամբողջապես նախշերով պատված սփրոցները կտրտելու կամ դաշնամուրի մակերեսի վրայից սև լաքի շերտը հանելու ունակությամբ, ապա ես մեծ հաճույքով հանգիստ կթողնեի ապակե իրերը։ Սակայն սփռոցներն ու լաքը անտարբեր էին իմ ձայնի հանդեպ։ Ճիշտ այդ նույն կերպ ես նույնիսկ անվերջ գոռոցի օգնությամբ չէի կարող ջնջել պաստառների վրայի նախշերը։ Ինչպես որ չէի կարող երկու երկարաձիգ ձայնաստիճանների օգնությամբ ստանալ ջերմություն և, ի վերջո, կայծ, որն անհրաժեշտ էր հյուրասենյակի երկու պատուհանների վարագույրները բոցով բռնկվելու համար։ Աթոռներից, որոնց վրա նստում էին Ալեքսանդր Շեֆլերը և Մացերատը, ոչ մեկի ոտքը ես չէի կարող իմ ձայնի օգնությամբ «երգել֊ջարդել»։ Ճիշտն ասած, ես կնախնտրեի պաշտպանվել ոչ թե հրաշալի, այլ անվնաս միջոցներով, սակայն իմ տրամադրության տակ անվնաս միջոցներ չկային, միայն ապակին էր, որ հնազանդվում էր ինձ և տանում իր խաչը։

Իմ այդ ընդունակության առաջին հաջող ցուցադրումը ես իրականացրեցի ծննդյանս տարեդարձից քիչ հետո։ Չորս շաբաթից քիչ ավելի էր, ինչ թմբուկն ինձ էր պատկանում, և այդ ողջ ժամանակահատվածում գործադրած իմ ջանքերի շնորհիվ ես այն թմբկահարեցի մինչև կծակվեր։ Ճիշտ է, թմբուկի կողապատի սպիտակ֊կարմիր ատամները դեռ իրենց տեղերում էին պահում վերևն ու ներքևը, սակայն հնչող կողմի կենտրոնի անցքը արդեն դժվար կլիներ չփոխել։ Եվ քանի որ ես արհամարհում էի ներքևի կողմը՝ այդ անցքը գնալով ավելի էր մեծանում, կողքերին հայտնվեցին քերծվածքներ։ Նվագելուց մաշված թիթեղի մասնիկները փշրվում և թափվում էին թմբուկի ներսը, որտեղ դժգոհ զնգում էին յուրաքանչյուր հարվածից և ամենուր, ճաշասենյակի և ննջասենյակի կարմրադարչնագույն հատակի վրա, փայլատակում էին լաքի սպիտակ մասնիկները, որոնք չէին ցանկացել այլևս պահպանվել իմ թմբուկի բզկտված թիթեղի վրա։

Ծնողներս վախենում էին, որ ես, դիպչելով սպառնալի սուր թիթեղյա կողերին, կարող եմ անզգուշորեն ձեռքերս վնասել։ Հատկապես վախենում էր Մացերատը, որն աստիճանների վրայից իմ ընկնելուց հետո նախազգուշական միջոցները դարսում էր մեկը մյուսի վրա։ Քանի որ ես իսկապես կարող էի դիպչել սուր կողերին, որովհետև ակտիվորեն թափ էի տալիս ձեռքերս, և Մացերատի երկյուղները թեև չափազանցված էին, սակայն ոչ հիմնազուրկ։ Ճիշտ է, նոր թմբուկի օգնությամբ կարելի էր խուսափել ինձ սպառնացող վտանգներից, սակայն նրանք ամենևին էլ նոր թմբուկի մասին չէին մտածում, այլ ուզում էին ուղղակի ձեռքիցս խլել իմ հին ու բարի թիթեղիկը, որն ինձ հետ միասին ընկնում էր, պառկում հիվանդանոցում և այնտեղից էլ դուրս գրվեց։ Միասին աստիճաններով վերև֊ներքև, միասին՝ գլաքարով շարված կամուրջի վրա և մայթի վրա, միասին՝ խաղերի միջով։ Խայծի դերում պետք է հանդես գար ապուշ շոկոլադը։ Մայրիկս այն ուղղում էր դեպի ինձ՝ դրան զուգահեռ ժապավենակապի տեսքով դարսելով շուրթերը։ Հենց Մացերատն էր, որ ձևական խստությամբ կառչեց իմ վիրավոր գործիքից, իսկ ես կառչեցի իմ հաշմանդամից։ Մացերատը այն իր կողմ քաշեց, սակայն իմ ուժերը, որոնք բավարար էին միայն նրա համար, որպեսզի թմբկահարեի, արդեն վերջանալու վրա էին։ Մեկը մյուսի ետևից իմ ձեռքից դուրս էին պրծնում կրակի կարմիր լեզվակները, ահա և կլոր կողապատն էր պատրաստվում լքել ինձ, սակայն այստեղ Օսկարին, որը մինչ այդ օրը միանգամայն հանգիստ, կարելի է ասել, բարի վարքի տեր երեխայի համբավ էր վայելում, հաջողվեց առաջին կործանարար ու գործուն գոռոցը։ Մեր գետնի ժամացույցի մեղրադեղին թվահարթակը՝ փոշուց և մահացող ճանճերից պաշտպանող կլոր ապակին, կտոր֊կտոր լինելով, թռավ տարբեր կողմերն ու ընկավ, ընդ որում կտորներից մի քանիսը կրկին կոտրվեցին՝ այս անգամ՝ ընկնելով կարմրաշագանակագույն հատակի վրա, քանի որ գորգի երկարությունը մինչև ժամացույցի տակը չէր հասնում։ Այնուամենայնիվ, թանկարժեք սարքավորման ներքին կառուցվածքը ամենևին չտուժեց։ Հանգիստ իր ուղին էր շարունակում ճոճանակը, եթե, իհարկե, ճոճանակի մասին կարելի է այսպես ասել։ Նույն էին անում նաև սլաքները։ Եվ նույնիսկ զարկի սարքը, որը սովորաբար չափից դուրս զգայուն և հիստերիկ ձևով է արձագանքում ցանկացած ցնցումի։ Նույնիսկ կողքից անցնող գարեջրատար բեռնատարը ոչ մի կերպ չընդունեց իմ գոռոցը․ միայն ապակին դես ու դեն թռավ, բայց ջարդ ու փշուր եղավ հիմնովին։

«Ժամացույցը ջարդ ու փշուր եղավ», ― գոռաց Մացերատը և ձեռքից բաց թողեց թմբուկը։ Թռուցիկ հայացք գցելով՝ ես համոզվեցի, որ իմ գոռոցը բուն ժամացույցին որևէ վնաս չի հասցրել, որ միայն ապակին է փշրվել։ Սակայն ինչպես մորս, այնպես էլ Մացերատի և քեռի Յանի համար, որն այդ օրը կիրակնօրյա այցի էր եկել մեզ մոտ, նրանց բոլորի պահվածքից դատելով, վարի էր գնացել ոչ թե հասարակ ապակին, այլ ինչ֊որ ավելի մեծ բան։ Նրանք սփրթնած, անօգնական և շփոթված հայացքով նայում էին միմյանց, բռնվել էին բուֆետից և դաշնամուրից, շոշափում էին հաղճասալիկե վառարանը, վախենում էին շարժվել իրենց տեղերից։ Յան Բրոնսկին, աղաչանքով աչքերը փակելով, բացուխուփ էր անում չորացած շուրթերը, այնպես որ ես մինչև օրս էլ կարծում եմ, որ Յան մորեղբորս ճիգերը ուղղված էին աղոթքին, որով նա օգնություն, կարեկցանք ու գթասրտություն էր հայցում, ինչպես օրինակ, «Օ, Աստծու գառնուկ, դու աշխարհի մեղքերն ես քավում, արդ գթա դու մեզ», ― և սա երեք անգամ անընդհատ և հետո էլի․ «Տեր, արժանի չեմ ես, որպեսզի դու մտնես տանիքի տակ, սակայն ասա գեթ մի խոսք․․․»։

Բնական է, որ Տեր Աստվածը չասաց ոչ մի խոսք, և, բացի այդ, ապակին էր միայն կոտրվել, այլ ոչ թե ժամացույցը։ Սակայն մեծահասակները շատ տարօրինակ են վերաբերվում իրենց ժամացույցներին, այն իմաստով տարօրինակ ու մանկան պես, որ իմաստով, որ ես երբեք մանուկ չեմ եղել։ Չնայած հնարավոր է, որ ժամացույցը մեծահասակների ամենահոյակապ արարումն է, սակայն այստեղ իրավիճակը այսպիսին է․ նույն այն չափով, որչափով որ մեծահասակները ունակ են լինել արարիչներ և, փութաջանության, փառասիրության և որոշակի չափով բախտի բերման դեպքում, դառնում են այդպիսին, նրանք, ինչ֊որ բան հենց նոր արարելով, իրենք են վերածվում իրենց հայտնագործությունների արարմանը։

Ընդ որում, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, առանց մեծահասակ մարդու, ժամացույցը ոչինչ չարժե։ Նա դա լարում է, տանում է իր հետ, գցում առաջ, տանում ժամագործի մոտ, որպեսզի վերջինս ստուգի ընթացքի ճշտությունը, մաքրի և, անհրաժեշտության դեպքում, վերանորոգի։ Ժամացույցին և այն բանին, ինչը կանգնած է նրա ետևում, մեծահասակները վերագրում են առավել մեծ իմաստ, քան իրականում ունի ժամացույցը, այն նույն կերպ, ինչպես կկվի կանչին, որը չափից դուրս շատ է ընդհատվում, շուռ եկած աղամանին, առավոտյան սարդին, սև կատուներին, որոնք հատում են ճանապարհը ձախից աջ, յուղաներկով նկարված հորեղբոր դիմանկարին, որն ընկնում է պատից, որովհետև սվաղի մեջ մեխած կախիչը թուլացել էր, կոտրված հայելուն։

Չնայած իր որոշ երազկոտ, ռոմանտիկական հատկանիշներին, մայրիկս օժտված է սթափ դատողությամբ և, հակում ունենալով դեպի թեթևամտությունը, կարողանալով ցանկացած կասկածի նշան մեկնաբանել իր համար դրական իմաստով, գտավ փրկարար խոսքը։

«Ապակու կոտրվելը երջանկության նշան է», ― բացականչեց նա՝ ճտճտացնելով իր մատները, իսկ հետո բերեց գոգաթիակն ու ավելը և ավլեց բոլոր բեկորներն ու ողջ երջանկությունը։

Եթե հավատալու լինենք մայրիկիս, ապա ես իմ ծնողներին, բարեկամներին, ծանոթներին, ինչպես նաև անծանոթ մարդկանց, անչափ մեծ երջանկություն եմ պարգևել, քանզի յուրաքանչյուր անձի վրա, որ փորձում էր ինձանից խլել թմբուկս, ես գոռում էի, երգում, պատուհանների ապակիներն էի կոտրում, գարեջրի դատարկ շշեր, գարնան չնչով լի օծանելիքի սրվակեր, արհեստական մրգերով լի հախճապակյա սկահաքներ։ Կարճ ասած, այն ամենը, ինչ ապակուց էր պատրաստված, ինչ արտադրված էր ապակու գործարաններում, ապակի փչող բանվորի շնչով, ինչը երբեմն ուներ հասարակ ապակու գին, երբեմն սակայն գնահատվում էր որպես արվեստի ստեղծագործություն։

Երբ երեկոյան ցանկանցում էին ինձնից խլել թմբուկս, չնայած նրան, թմբուկին, անհրաժեշտ էր գիշերը ինձ հետ միասին պառկել մահճակալին, ես, որպեսզի շատ չարիքներ չգործեմ, քանզի թե՝ դեռ այն ժամանակ և թե՛ մինչ օրս դուր են եկել ու դուր են գալիս նրբաճաշակ ապակուց պատրաստված իրերը, ավերում էի մեր առաստաղի տակ կախած ջահի քառակի լույս սփռող լամպերից մեկը կամ մի քանիսը։ Քսանութ թվի սեպտեմբերի սկզբին, իմ ծննդյան չորրորդ տարեդարձի օրը, ես հատկապես այդ ձևով ջախջախեցի ողջ տոնական հասարակությունը՝ ծնողներիս, Բրոնսկի ամուսիններին, Կոլյայչեկ տատիկիս, Շեֆլերներին ու Գրեֆներին, որոնք քարշ տալով, ինձ բերել էին ամեն տեսակ խաղալիքների մի ողջ կույտ նվերներ, անագե զինվորիկներ, առագաստանավակ, հրշեջ մեքենա, միայն թե ոչ թմբուկ, մի խոսքով ջախջախեցի բոլոր նրանց, ովքեր գերադասում էին, որպեսզի ես զվարճանամ անագե զինվորիկներով, որպեսզի ես արժանի համարեմ անիմաստ հրշեջ մեքենայով խաղերը։ Ընդ որում, չցանկանալով ինձ թողնել հին, ծակ, սակայն հավատարիմ թմբուկի հետ։ Ջախջախեցի ինձանից թիթեղը խլողներին, որոնք դրա փոխարեն իմ ձեռքերի մեջ էին խցկում նավակը, որը, դեռ ամեն ինչը մի կողմ, մասնագիտորեն սարքավորված էլ չէր, բոլորին, որոնց աչքերը տրված էին միայն նրա համար, որպեսզի չտեսնեն իմ ցանկությունները։ Նրանց բոլորին ես ջախջախեցի իմ գոռոցով, որը, պտույտով մի շրջան վազելով, սպանեց մեր կախովի լուսամփոփի չորս լամպերը՝ մեզ թողնելով անդրջրհեղեղյա խավարի մեջ։

Դե իսկ նրանք՝ մեծահասակները, այդպիսին են․ առաջին վախեցած գոռոցներից հետո, լույսը վերադարձնելու բթացած ցանկությունից հետո նրանք հարմարվեցին մթությանը, և երբ իմ Կոլյայչեկ տատիկը, միակը, եթե չհաշվենք փոքրիկ Ստեֆանին, ով չգիտեր, թե իր ինչին է պետք այս մթությունը, թնկթնկացող Ստեֆանի հետ, որը բռնել էր նրա փեշից, գնաց կրպակ՝ լույսի ետևից։ Իսկ մնացածը՝ խմբի բավական շատ խմած հատվածը, կանգնած էր՝ տարօրինակ զույգերի բաժանվելով։

Դե, իմ մայրիկը, ինչպես և պետք էր սպասել, գզգզված բլուզով նստել էր Յան Բրոնսկու ծնկներին։ Ծայրաստիճան անախորժելի տեսարան էր ներկայացնում կարճոտն հացթուխը, որը գրեթե անհետացել էր Գրեֆուհու մեջ, Մացերատը լպստում էր Գրեթխեն Շեֆլերի ձիու ոսկյա ատամները։ Միայն Հեդվիգ Բրոնսկին էր, որը հավատացյալի հայացքով ձեռքերը ծնկներին դրած՝ նստել էր մոմի կրակի դիմաց, նստած էր մոտ, սակայն ամենևին էլ ոչ շատ մոտ կանաչավաճառ Գրեֆին, որը չնայած չէր խմել, սակայն, այնուամենայնիվ, երգում էր, երգում էր քաղցր ձայնով, երգում էր տխրություն և մելանխոլիկություն տարածելով, երգում էր Հեդվիգ Բրոնսկուն դրդելով ձայնակցել իրեն։ Նրանք երկձայն երգում էին սկաուտների երգը, որում ոմն Ռյուբեցալ ստիպված էր թափառել Իսպանական լեռներում։

Իսկ իմ մասին մոռացել էին։ Օսկարը նստել էր սեղանի տակ իր թմբուկի մնացորդների հետ։ Նա ևս մի քանի ռիթմ դուրս հանեց իր ծակ թիթեղից և լիովին հնարավոր է, որ նաև դժբախտությունը, սակայն թմբուկի համաչափ ձայները զուրկ էին որոշակի հաճելիությունից նրանց համար, ովքեր շարժվում էին արբեցման մեջ, նստած էր սենյակում կամ պառկած։ Քանզի թմբուկի ձայնը կարծես թե որպես պաշտպանիչ ծածկույթ էր հանդես գալիս նրանց ակամա արձակվող, քչփչոցի ու լպստոցի նմանվող ձայների համար, ջանքերի լարվածության ու տագնապի համար։

Ես դեռ սեղանի տակ էի, մոմերով վերադարձած տատիկս բարկացող հրեշտակապետի նման բոցավառ մոմի ներքո տեսավ Սոդոմը, մոմի բոցի մեջ ճանաչեց Գոմորը և իր ձեռքերի մեջ դողացող մոմերով գոռոց բարձրացրեց, կռիվ սարքեց, և, այս ամենը խոզություն անվանելով, վերջ տվեց այն հովվերգությանը, որում պատմվում էր, թե ինչպես է Ռյուբեցալը զբոսնում Իսպանական լեռներում։ Այնուհետև, մոմերը ափսեիկների վրա տեղաբաշխելով, բուֆետից հանեց խաղաթղթերը, դրանք նետեց սեղանի վրա և, թնկթնկացնող Ստեֆանին սփոփելով, ազդարարեց տոնի երկրորդ մասը։ Շուտով Մացերատը մեր կախովի լուսամփոփի հին կոթառների մեջ նոր լամպեր պտտեց, ինչի հետևանքով վերևում սկսեցին շարժվել աթոռները՝ թռչկոտելով շրխկացին գարեջրի շշերի խցանները և իմ գլխավերևում սկսեցին սեղանին ծեփվել խաղաթղթերը․ սկատ՝ մեկ տասներորդական պֆենինգով։ Մայրիկս սկզբում առաջարկեց քառորդական, սակայն Յան մորեղբորս դա չափից դուրս վտանգավոր թվաց։ Եվ եթե չլինեին հերթական խաղափուլերը, ինչպես նաև չորսով շահումի դեպքում ժամանակ առ ժամանակ զգալիորեն չբարձրացնեին խաղագումարները, ամեն ինչ այդպես էլ կմնար մեկ տասներորդի սահմաններում։

Սեղանածածկի տակ, միջանցիկ քամիներից կախ ընկած սփռոցներով ծածկված՝ ես ինձ վատ չէի զգում և բռունցքներին, որոնք իմ գլխավերևում դրմփացնում էին սեղանին, պատասխանում էի թմբուկի թեթև զարկով։ Ես ենթարկվեցի խաղի ընթացքին և դուրս եկա մոտավորապես մեկ ժամ անց։ Յան Բրոնսկին պարտվեց։ Նրան լավ խաղաթղթեր էին բաժին ընկնում, սակայն նա պարտվեց։ Եվ չէի ասի, թե նա շատ ցրված է, նրա գլուխը զբաղված չէր երկուսը պակաս ագուռներով։ Չէ՞ որ խաղի սկզբում, դեռևս զրուցելով իր հորաքրոջ հետ և ձգտելով ինչ֊որ կերպ արդարացնել իրենց խոսակցությանը նախորդած փոքրիկ զեխությունը, նա ձախ ոտքից հանեց կոշիկը, և իմ գլխի վրայով իր մոխրագույն գուլպայով ձախ ոտքով սկսեց փնտրել իմ մոր ծունկը, որը հենց նրա դիմաց էր նստած, և այն գտավ։ Յանի ձախ ոտքի հպումից հետո մայրիկս նստեց սեղանին ավելի մոտ, այնպես, որ Յանը, որին հենց նոր Մացերատը դրդեց, և որը որոշեց երեսուներեք նիշի առկայությամբ դուրս գալ խաղից, փոքր ինչ բարձրացրեց մորս շրջազգեստի փեշը սկզբից մատներով, այնուհետև ողջ ոտքի թաթով (իսկ գուլպան, տեղին է ասել, գրեթե մաքուր էր, հագնված էր ոչ ուշ, քան այսօր) սլացավ դեպի նրա ոտքերի արանքը։ Կարելի է միայն հիանալ իմ մայրիկով, որը, չնայած սեղանի տակի բրդյա հպումին, հաղթում էր սեղանի վերևում, հաղթում էր վերևի իսկապես որ վտանգավոր խաղում, այդ թվում նաև՝ առանց չորսի խաչի, հաղթում էր վստահ և հումորիստական մեկնաբանություններով, այն դեպքում, երբ Յանը ներքևում ավելի ու ավելի գործարար դառնալով, վերևում պարտվեց մի քանի խաղափուլ և այն էլ այնպիսիները, որոնք նույնիսկ Օսկարը պայծառատեսի վստահությամբ կհասցներ հաղթական ավարտի։ Ավելի ուշ հոգնած Ստեֆանը ևս տեղափոխվեց սեղանի տակ, որտեղ էլ շուտով քնեց՝ քնելուց առաջ այդպես էլ չհասկանալով, թե իր հոր շալվարի կեսը այդ ինչ է անում իմ մոր շրջազգեստի տակ։

Պարզկա, ժամանակ առ ժամանակ ամպամածություն։ Օրվա երկրորդ կեսին՝ աննշան տեղումներ։ Հաջորդ օրը Յան Բրոնսկին կրկին եկավ, վերցրեց ու տարավ ինձ համար նախատեսված նվերը՝ փոքրիկ առագաստանավը, այդ մռայլ խաղալիքը Յոգհաուս֊պասսաժում Սիգիզմունդ Մարկուսի մոտ փոխեց թիթեղյա թմբուկի հետ։ Նա հայտնվեց երեկոյին մոտ, թեթևակի թրջված, հենց այն նույն, իմ սրտին այդքան սիրելի թմբուկով, այն մեկնեց ինձ և միաժամանակ ճանկեց իմ բարի ու հին թիթեղիկը, որի վրա միայն սպիտակակարմիր լաքի թեփուկներն էին պահպանվել։ Եվ քանի որ Յանը ճանկում էր իր ծառայությունն ավարտած թիթեղը, իսկ ես կառչում էի նորից, նրանք բոլորը՝ Յանը, մայրիկս, Մացերատը, աչքերը չէին կտրում Օսկարից, ես նույնիսկ ակամա ժպիտս չկարողացա զսպել, մի՞թե նրանք կարծում են, թե ես կարչում եմ հնացածից, թե ես իմ հոգում ինչ֊որ սկզբունքներ եմ թաքցնում։

Ես տվեցի հին թմբուկը՝ չարտաբերելով բոլորի կողմից սպասվող գոռոցը, չվախեցնելով բարձր, ապակի կտրող երգով և անմիջապես երկու ձեռքերով բռնեցի իմ նոր գործիքը։ Երկժամյա մանրազնին աշխատանքից հետո ես ամբողջապես հարմարվեցի նրան։

Սակայն իմ շրջապատի բոլոր մեծահասակները չէ՞ որ նույնչափ ըմբռնողություն էին ցուցաբերում, ինչպես Յան Բրոնսկին։ Քսանինը թվին, իմ հինգերորդ ծննդյան տարեդարձից քիչ անց, դեռ շատ խոսակցություններ էին գնում նյու֊յորքյան բորսայում սկսված խուճապի մասին, և ես մտորում էի այն մասին, թե վնասներ կրե՞լ է, արդյոք, հեռավոր Բուֆալոյում անտառի վաճառքով զբաղվող իմ պապիկը։ Մայրիկս այլևս անկարող էր չնկատել իմ աճի նշանների բացակայությունը և այդ հանգամանքով անհանգստացած, սկսեց չորեքշաբթի օրերը ձեռքիցս բռնած ինձ տանել Բրունսհյոֆերվեգի փողոց, բժիշկ Հոլլացի մոտ։ Ես համբերատարությամբ տարա այդ բոլոր ծայրաստիճան ձանձրալի և անսահման երկար հետազոտումները, որովհետև ինձ դեռ այն ժամանակ էր դուր գալիս սպիտակ, աչք շոյող այն համազգեստը, որը հագնում էր քույր Ինգան։ Նա կանգնում էր Հոլլացի կողքին և օգնում էր նրան՝ ինձ հիշեցնելով լուսանկարների վրա պատկերված իմ մայրիկի պատերազմական ժամանակի քույրական անցյալի մասին։ Նաև այն պատճառով, որ ամեն անգամ նոր ձևով իրար վրա դարսված խալաթի ծալքերի լարված դիտումը օգնում էր ինձ շեղվել բժշկի շուրթերից դուրս եկող դղրդաձայն, ընդգծված եռանդուն և այդ իսկ պատճառով տհաճ հովանավորչական բառաժայթքումից։

Ապակե ակնոցի մեջ արտացոլելով իր աշխատասենյակի կահավորանքը, իսկ այնտեղ քրոմ, նիկել ու լաք կար, դրան գումարած՝ շատ էին դարակներն ու ցուցափեղկերը, որոնց մեջ դրված էին երեսներին խնամքով գրված ապակե անոթներ օձերով, մողեսներով, դոդոշներով, խոզերով, մարդկային և կապկային սաղմերով, բոլոր այդ սպիրտացված մրգերը իր ակնոցի ապակիների միջով ընտրելով, բժիշկ Հոլլացը հետազոտությունից հետո մտասույզ շարժում էր գլուխը, թերթում իմ հիվանդության պատմությունը, կրկին և կրկին ստիպում էր մորս պատմել այն մասին, թե ինչպես ես ընկա աստիճաններից և հանգստացնում նրան, եթե նա սկսում էր անխնա մեղադրել Մացերատին, ասում էր, որ թող նա անիծված լինի բոլոր ժամանակներում։

Երբ մի քանի ամիս անց չորեքշաբթի օրերի հերթական կոնսուլտացիայի ժամանակ, ցանկանալով ոչ այն է իրեն, աչ այն է քույր Ինգային, ցույց տալ իր կողմից անցկացվող բուժման հաջողությունը, բժիշկն ուզեց վերցնել իմ թմբուկը, ես ոչնչացրեցի նրա դոդոշների ու օձերի հավաքծուի մեծ մասը, ինչպես նաև նրա կողմից հավաքված տարբեր ծագումներով բոլոր սաղմերը։

Եթե չհաշվենք լի, սակայն չփակված գարեջրի գավաթները և մայրիկիս օծանելիքի սրվակը, Օսկարը դեռ ոչ մի անգամ իր ուժերը չէր փորձել նման քանակությամբ լի և մանրակրկիտ փակված ապակե անոթների վրա։ Հաջողությունը եզակի էր, և բոլոր մասնակիցների, նույնիսկ իմ մոր համար, որն արդեն գիտեր ապակու հետ իմ հարաբերության մասին, ցնցող ու համոզիչ։ Նախ ողջ ուժով առաջին իսկ ձայնով ես լայնքով ու երկայնքով կտրեցի ցուցափեղկը, որտեղ Հոլլացը պահում էր իր գարշելի ցուցանմուշները, այնուհետև գրեթե քառանկյունի ապակուն դրսի կողմից ստիպեցի ընկնել լինոլեումապատ հատակին, որտեղ նա պառկեց և, չկորցնելով իր քառանկյունի ձևը, հազար կտոր եղավ։ Այնուհետև ես իմ գոռոցին առավել արտահայտիչ գծեր և գրեթե չափից դուրս համառություն հաղորդեցի և այդչափ շռայլորեն ձևավորված ձայնով ես անցա ճամփան մի սրվակից դեպի մյուսը։

Սրվակները զրնգոցով ցիր ու ցան եղան, կանաչավուն, փոքր ինչ թանձրացած սպիրտը, իր ետևից տանելով սեփական պատրաստուկի գունատ, թախծոտ պարունակությունը, այս ու այն կողմ էր ցայտում, հոսում էր աշխատասենյակի կարմիր լինոլեումի վրայով և սենյակը լցնում էր իր, ես նույնիսկ կասեի շոշափելի, հոտով այն աստիճան, որ մայրիկս վատ զգաց իրեն, իսկ քույր Ինգան ստիպված էր բացել Բրունսհեֆերեգ նայող պատուհանները։ Սակայն բժիշկ Հոլլացը գտավ իր հավաքածուի կորուստը նվաճում դարձնելու հնարը։ Իմ չարագործությունից մի քանի շաբաթ անց «Բժիշկն ու աշխարհը» բժշկական բանբերում հայտնվեց նրա հեղինակությամբ հոդված ապակի կոտրող Մացերատի ձայնային ֆենոմենի մասին։ Հոդվածում բժիշկ Հոլլացի ներկայացրած տեսակետը լայն արձագանք գտավ մասնագիտական շրջաններում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, իրավասու անձանց կողմից արժանացավ և՛ ընդունելության, և՛ մերժման։ Մայրիկս, որին ուղարկեցին ամսագրի միանգամից մի քանի օրինակ, հպարտության տարօրինակ զգացումի հորդում էր ապրում, ինչը ստիպեց ինձ խորհել, և նա չկարողացավ իրեն մերժել այդ հոդվածից Գրեֆներին, Շեֆլերներին և իր Յանին և, կրկին ու կրկին, ճաշից հետո իր ամուսին Մացերատին հատվածներ կարդալու հաճույքը։ Նույնիսկ կրպակ հաճախող գնորդներն էին ստիպված լինում ունկնդրել հոդվածի հատվածները, ընդ որում նրանք հիանում էին իմ մայրիկով, որը ճարպկորեն արտասանում էր տարբեր տերմիններ՝ երևակայության հարուստ խաղ ցուցադրելով։ Այն հանգամանքը, որ իմ անունը առաջին անգամ հայտնվեց մամուլի էջերում, անձամբ ինձ ամենևին չէր հուզում։ Դեռ այն ժամանակ արդեն աչալուրջ իմ հոռետեսությունը ինձ դրդեց բժիշկ Հոլլացի հոդվածը համարել մի բժշկի բազմաէջ ճամարտակություններ, որը համալսարանի ամբիոնի հեռանկարներ ունի։

Այսօր իր հատուկ բուժիչ հիմնարկությունում Օսկարը այլևս ունակ չէ տեղից շարժել նույնիսկ փոքրիկ բաժակը։ Հոլլացի նման բժիշկները իրենց այցելություններով տանջում են նրան։ Նրա վրա կատարում են զուգորդական, այսպես կոչված ռորշախյան և այլ հարցազննումներ, որպեսզի տվայլ հաստատության մեջ նրա հարկադրաբար բուժումը, ի վերջո, ստանա բարեհունչ անվանում՝ այսօր Օսկարը հաճույքով է հիշում իր ձայնի հնամենաձև, հին ժամանակները։ Եթե այդ սկզբնական շրջանում նա կվարցի ավազից պատրաստված առարկաները կտրում էր հիմնավորապես (ստիպված էր լինում դա անել), ապա հետգայում, երբ նրա արվեստը հասավ ծաղկման, իսկ հետո գնաց դեպի նվազում, նա արդեն իր ունակություններից օգտվում էր առանց որևէ արտաքին հարկադրության։ Ենթարկվելով ուշ շրջանի մաներիզմի գայթակղություններին, հանուն խաղի որպես այդպիսին, ծառայելով արվեստին հանուն արվեստի, Օսկարը իր ձայնով ներթափանցում էր ապակու կառուցվածքի մեջ և միաժամանակ հասունանում։


Դասացուցակը

Կլեփը հաճախ ժամեր շարունակ իր համար օրվա ժամանակացույց է կազմում։ Այն հանգամանքը, որ այդ կազմելու ժամանակ անընդհատ տաքացված ոսպով արյունոտ երշիկ է կլանում, միայն հաստատում է իմ դրույթը, որն ասում է․ բոլոր երազողները շատակերներ են։ Իսկ այն, որ Կլեփը լիովին ակնհայտ ջանասիրություն է դրսևորում առանձին խորագրեր լրացնելիս, հաստատում է իմ մյսւս դրույթը, միայն իրական ալարկոտներն են ունակ անել գյուտեր, որոնք աշխատանքը դարձնում են նվազ աշխատատար։

Կլեփը այս տարի ևս ահա երկու շաբաթ անընդմեջ ջանք է թափում օրվա ժամանակացույցը ժամ առ ժամ կազմելու համար։ Երեկ երեկոյան այցելելով ինձ, նա առաջին հերթին իրեն խորհրդավոր տեսք տվեց, այնուհետև կրծքագրպանից դուրս հանեց բազմակի ծալած թղթի մի կտոր և ճառագելով, նույնիսկ հպարտության արտահայտությամբ, այն մեկնեց ինձ․ նա կրկին գյուտ էր արել, որը թույլ էր տալիս աշխատանքային ժամը խնայել։

Ես աչքերով անցա նրա գրառումների վրայով, սակայն մի որևէ իրապես նոր բանի չհանդիպեցի․ ժամը տասին՝ նախաճաշ, մինչև ճաշը՝ մտքի աշխատանք, ճաշից հետո՝ խաղաղ ժամ, այնուհետև՝ սուրճ, հնարավորության դեպքում՝ անկողնում։ Անկողնուց դուրս չգալով, մեկ ժամ՝ ֆլեյտայի վրա նվագելու համար, այնուհետև վեր կենալ և մեկ ժամ շարային քայլքով քայլել սենյակով, պարկապզուկի ձայների ներքո, ևս կես ժամ բակում՝ մաքուր օդին, այնուհետև՝ յուրաքանչյուր երկու օրը մեկ փոխեփոխ կամ երկու ժամ՝ գարեջրով արյունոտ երշիկ կամ երկու ժամ՝ կինո, սակայն ամեն դեպքում կինոյից առաջ կամ գարեջրի շուրջ աննկատ քարոզել անլեգալ ԳԿԿ֊ի օգտին, ոչ ավելի, քան կես ժամ, որպեսզի չափը չանցնի։ Շաբաթական երեք երեկո՝ «Ռնգեղջյուրում» պարային երաժշտությամբ զբաղվելը։ Շաբաթ օրերին՝ հետճաշյա գարեջուրը ԳԿԿ֊ի օգտին՝ քարոզի հետ միասին տեղափոխվում է երեկոյան ժամի, քանի որ օրը տրամադրված է Գրյունշտրասե փողոցում գտնվող բաղնիքին ու մերսմանը։ Բաղնիքից հետո՝ վազք դեպի «Ու֊9», որտեղ երեք քառորդ ժամ հիգենիկ վարժություններ մի աղջկա հետ, հետո այդ նույն աղջկա և նրա ընկերուհու հետ՝ սուրճ և խմորեղեն Շվաբի մոտ։ Աշխատանքային օրվա ավարտից ոչ շատ առաջ՝ սափրվել, իսկ եթե հարկ լինի, ապա նաև մազերը խուզել, արագ լուսանկարվել ֆոտոավտոմատում, այնուհետև՝ գարեջուր, երշիկ, քարոզ ԳԿԿ֊ի օգտին և հաճելի անգործություն։

Գովելով Կլեփի կողմից մանրակրկիտ կազմված ժամանակացույցը՝ ես խնդրեցի այն պատճենահանել ինձ համար և հետաքրքրվեցի, թե ինչպես է նա հաղթահարում ուժասպառության րոպեները։ «Քնում եմ կամ ԳԿԿ֊ի մասին մտածում», ― պատասխանեց Կլեփը կարճ մտորելուց հետո։

Արդյոք պատմեցի՞ ես նրան, թե ինչպես Օսկարը առաջին անգամ բախվեց «օրվա ժամանակացույց» հասկացության հետ։

Անեն ինչ սկսվեց լիովին անվնաս կերպով, Քաուեր մորաքրոջ մոտ, մանկապարտեզում։ Ամեն առավոտ Հեդվիգ Բրոնսկին գալիս էր իմ ետևից և ինձ ու Ստեֆանին մեկտեղ տանում էր Պասադովսկիվեգ փողոց, Քաուեր մորաքրոջ մոտ, որտեղ վեց֊տասը երեխաների հետ (ոմանք հիվանդության պատճառով մշտապես բացակայում էին) մենք պետք է խաղայինք մինչ սրտխառնոցի աստիճան։

Բարեբախտաբար իմ թմբուկը խաղալիքների դասին էր պատկանում և այդ իսկ պատճառով իմ վզին այլ խաղալիքներ չէին փաթաթում, իսկ ճոճվող ձիուկը իմ տակն էին հրում միայն այն ժամանակ, երբ խաղի ընթացքում թղթե սաղավարտով ասպետ֊թմբկահարի պահանջ էր լինում։ Ինձ համար որպես ստեղնագործիք էր ծառայում Քաուեր մորաքրոջ սև մետաքսյա շրջազգեստը, որը հազարապատիկ կոճկվում էր ու արձակվում էր։ Ես բոլոր հիմքերը ունեմ հաստատելու համար, որ իմ թմբուկի օգնությամբ ինձ հաջողվում էր օրական մի քանի անգամ թուլակազմ և կնճռոտ ֆրոյլյանին հագցնել ու հանվեցնել, երբ թմբուկի հարվածներով ես կոճկում կամ արձակում էի նրա շրջազգեստը, առանց նրա մարմինը զննելու։

Շագանակենու ծառուղիներով մինչև Յեշկենթալյան անտառ, Էրբսբերգով դեպի վեր, Գութենբերգի հուշարձանի կողքով հետճաշյա զբոսանքները այնքան հաճելիորեն ձանձրալի և անհոգս էին, որ ես մինչ օրս էլ երազում եմ նման քրեստոմատիկ զբոսանքներ կատարել՝ բռնելով Քաուեր մորաքրոջ մագաղաթյա փոքրիկ ձեռքը։

Ութ հոգի էինք մենք, թե տասներկու, միևնույն է, մենք պարտավոր էինք մտնել լծի տակ։ Այդ լուծը բաղկացած էր կապույտ գործված երիզից, որը փոխարինում էր առեղին։ Բրդյա առեղից աջ ու ձախ կողմերով ետ էին ձգվում վեցական բրդյա սանձիկներ տասներկու, եթե եկել էին բոլորը, երեխաների համար։ Յուրաքանչյուր տասը սանտիմետրը մեկ սանձիկների վրա կախված էին մեկական զանգուլակ։ Քաուեր մորաքրոջ առջև, որը բռնում էր սանձերը, մենք, զնգզնգացնելով ու թնկթնկացնելով, իսկ ես համառորեն թմբկահարելով, դոփում էինք քաղաքամերձ փողոցներով։ Մորաքույր Քաուերը երբեմն սկսում էր երգել․ «Հիսուս, քեզնով եմ ապրում, Հիսուս, քեզնով ես կմեռնեմ» կամ «Ողջույն քեզ, աստղ ծովային», և անցորդների գութը շարժվում էր, երբ մենք դեպի պարզկա հոկտեմբերյան օդն էինք գոչում․ «Օ՜, օգնիր ինձ, Կույս Մարիամ» և Օ՜, քաղցրալի Աստվածամայր»։ Եթե մենք կտրում անցնում էինք գլխավոր փողոցը, տրանսպորտը կանգ էր առնում։ Կուտակվում էին տրամվայները, մեքենաները, կառքերը, մինչև մենք մեր «ծովային աստղը» սալարկուղով տանեինք։ Եվ Քաուեր մորաքույրը ամեն անգամ իր ճրթճրթան թաթիկով շնորհակալություն էր հայտնում մեզ փողոցով անցկացնող ոստիկանին։

«Տերը մեր Հիսուս կվարձատրի ձեզ», ― խոստանում էր նա և իր մետաքսե շրջազգեստի շրշյունով առաջ էր ընթանում։

Ճիշտն ասած, ես շատ ափսոսացի, երբ գարնանը, վեցերորդ ծննդյան տարեդարձից հետո, Օսկարը Ստեֆանի հետ և հատկապես Ստեֆանի պատճառով, լքեց օրիորդ Քաուերին, ում կարելի էր կոճկել ու արձակել։ Հնարավոր չեղավ խուսափել բռնի գործողություններից, ինչպես ամեն անգամ, երբ գործին խառնվում էր քաղաքականությունը։ Մենք բարձրացանք Էրսեբերգ փողոց, մորաքույր Քաուերը մեր վրայից հանեց լուծը։ Փայլփլում էին երիտասարդ փոքրիկ ծառերը, ճյուղերի մեջ ուրախ ժխոր էր տիրում։ Մորաքույր Քաուերը նստել էր մամռապատ քարի վրա, որը տարբեր ուղղություններ էր ցույց տալիս մեկժամյա և երկժամյա զբոսանքների համար։ Նա երգ էր երգում մանկահասակ աղջկա նման, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ քնի մեջ, նա թափ էր տալիս գլուխը, ինչպես դա անում են խայտահավերը, և միաժամանակ մեզ համար նոր լծասարք էր գործում, լծասարքը նախատեսվում էր լինել հրեշավոր կարմիր գույնի։ Ափսոս միայն, որ ինձ այդպես էլ բախտ չվիճակվեց այն կրել, թփուտների մեջ գոռոց լսվեց, օրիորդ Քաուերը վեր թևեց ու նետվեց գոռոցի ուղղությամբ դեպի թփուտներ՝ իր ետևից տանելով կարմիր թելն ու գործվածքը։ Ես գնացի նրա և թելի ետևից, առաջիկայում ես պետք է տեսնեի էլ ավելի կարմիրը․ Ստեֆանի քթից հոսում էր արյունը, իսկ խարտյաշ և քունքերի շրջանում կապույտ երակագծերով Լոտար անունով տղան նստել էր թույլիկ ու խղճուկ Ստեֆանի կրծքին և իրեն այնպես էր պահում, կարծես ուզում էր նրա քիթը մտցնել դեմքի մեջ։

«Լեհուկ, ― ֆշշացնում էր նա հարվածների արանքում։ ― Լեհուկ»։

Երբ հինգ րոպե անց Քաուեր մորաքույրը կրկին մեզ վրա հագցրեց լծասարքը՝ միայն ես էի վազում ինքնուրույնաբար, կարմիր գործվածքը քանդելով՝ նա սկսեց մեր բոլորի համար աղոթքը, որը սովորաբար արտաբերում են զոհի և մարմնավորման միջև․ «Խայտառակված եմ ես՝ զղջանքով ու ցավով լի․․․»։

Դրանից հետո՝ Էրբսբերգով ներքև և կանգառ Գութենբերգի հուշարձանի դիմաց։ Երկար մատով ցույց տալով Ստեֆանին, որը թնկթնկացնում էր ու թաշկինակը սեղմում քթին, Քաուերը մեղմ պարզաբանեց․ «Ստեֆանը մեղավոր չէ, որ ինքը փոքրիկ լեհ է»։ Մորաքույր Քաուերի խորհրդով Ստեֆանը այլևս չպետք է այցելեր մանկապարտեզ, և Օակարը, որը չնայած լեհ չէր և այնքան էլ Ստեֆանին չէր սիրում, այստեղ համերաշխություն դրսևորեց։ Երբ եկավ Զատիկը, որոշեցին ռիսկի դիմել, և բժիշկ եղջուրե շրջանակով ակնոցով Հոլլացը եզրակացրեց, որ դա չի կարող վնաս հասցնել։ Նա նույնիսկ բարձրաձայն արտահայտեց իր եզրակացությունը․ «Դա վնաս չի հասցնի փոքրիկ Օսկարին»։

Յան Բրոնսկին, որը ևս մտադիր էր Զատիկից հետո իր փոքրիկ Ստեֆանին լեհական ժողովրդական դպրոց ուղարկել, թույլ չտալով, որ իրեն ետ պահեն, մայրիկիս ու Մացերատին կրկին ու կրկին պնդում էր, որ ինքը ծառայող է լեհական պետական ծառայությունում, և որ Լեհական փոստատանը իր արժանավայել աշխատանքի դիմաց լեհական պետությունից արժանավայել վարձատրություն է ստանում։ Վերջ ի վերջո ինքը լեհ է, և Հեդվիգը նույնպես լեհուհի կդառնա, հենց որ բավարարեն նրա դիմումը։ Եվ բացի այդ, Ստեֆանի նման խելացի ու միջինից բարձր տաղանդի տեր երեխան գերմաներեն լեզուն լիովին կարող է ուսումնասիրել ընտանիքում, իսկ ինչ վերաբերում է փոքրիկ Օսկարին (ամեն անգամ «Օսկար» անունը արտասանելիս նա թեթևակի հոգոց էր հանում), ապա Օսկարը, ինչպես և Ստեֆանը, վեց տարեկան է, ճիշտ է, նա դեռ նորմալ խոսել չի կարողանում և ընդհանրապես իր տարիքի համեմատ բավականին թերզարգացած է, և աճ էլ չունի։ Այնուհանդերձ արժե փորձել․ պարտադիր ուսուցումը հենց պարտադիր ուսուցում է, եթե, իհարկե, դեմ չլինի դպրոցի ղեկավարությունը։

Սկզբում դպրոցի ղեկավարությունը կասկածեց և բժշկական եզրակացություն պահանջեց։ Հոլլացը ինձ անվանեց առողջ երեխա, որը երեք տարեկան երեխայի հասակ ունի։ Սակայն խելքով, եթե ուշադրություն չդարձնենք այն հանգամանքի վրա, որ նա դեռ չի կարողանում խոսել ինչպես հարկն է, հինգ֊վեց տարեկաններին ոչնչով չի զիջում։ Հոլլացը նաև ինչ֊որ բան էր ասում իմ վահանաձև գեղձի մասին։

Բոլոր հետազոտությունների ընթացքում, ինձ համար արդեն սովորական դարձած հարցազննման ժամանակ, ես ինձ հանգիստ էի պահում՝ սկսած «անտարբերից» վերջացրած «բարիկամեցողությամբ», նամանավանդ, որ ոչ ոք մահափորձ չէր կատարում իմ թմբուկի դեմ։ Հոլլացյան օձերի, դոդոշների ու սաղմերի հավաքածուի ոչնչացումը դեռ թարմ էր այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր ինձ հետազոտում ու հարցազննում էին, և երկյուղ ներշնչում։

Ես ստիպված էի իմ ձայնի միջի ալմաստը ցուցադրել միայն տանը և այն էլ պարապմունքների առաջին օրը, քանի որ նախկինի դառը փորձով չխրատված, Մացերատը պահանջեց, որ ես ֆրեբելևյան մարգագետնի միջով մինչև Պեստալոցցի դպրոցը ընկած ճանապարհը անցնեմ առանց թմբուկի և որ այն ինձ հետ դպրոց չտանեի։

Սակայն երբ նա ազատություն տվեց ձեռքերին, և ցանկացավ վերցնել այն, ինչն իրեն չի պատկանում, այն, ինչի հետ նա վարվելու ձևն էլ չգիտի, այն, ինչի համար նրա հասկացողությունն է բացակայում, ես գոռացի, կիսեցի մեջտեղից դատարկ ծաղկամանը, ինչի մասին ասվում էր, որ բնօրինակ է։ Երբ բնօրինակ սկահակը բնական բեկորների տեսքով հայտնվեց հատակին, Մացերատը, որն այն բարձր էր գնահատում, քիչ էր մնում ինձ խփեր։ Սակայն այդ պահին մոտ թռավ մայրիկս, Յանը, որը Ստեֆանի հետ կարճ ժամանակով այցի էր եկել մեզ, նույնպես միջամտեց։

― Ալֆրեդ, խնդրում եմ քեզ, ― արտաբերեց նա իր հանգիստ, փոքր֊ինչ մեղմ ոճով, և Յանի կապույտ և մորս մոխրագույն աչքերից խոցված Մացերատը ցած իջեցրեց արդեն վեր բարձրացրած ձեռքը և այն խոթեց գրպանը։

Պեստալոցցիի անվան դպրոցը նոր, կարմիր֊աղյուսե, ժամանակակից ոգով գրաքարերով և որմնաքարերով զարդարված, երեք հարկանի հարթ տանիքով երկարավուն շենք էր, որը մանուկներով հարուստ արվարձանում կառուցել էր սենատը՝ այն ժամանակ դեռ շատ ակտիվ սոցիալ֊դեմոկրատների աղմկոտ պահանջով։ Ինձ դուր եկավ այդ արկղը, եթե չհաշվենք հոտը և մոդեռն ոճով գրաքարերի և որմնանկարների վրա պատկերված սպորտով զբաղվող տղաներին։ Չնայած ծաղկող, սակայն անբնականորեն փոքրիկ ծառերը կանգնած էին եպիսկոպոսի գավազանի նմանվող պաշտպանական շքամուտքի դիմացի մանր խճի վրայի երկաթյա ձողերի արանքում։ Բոլոր կողմերից հոսելով՝ դեպի դպրոց էին գալիս մայրիկները՝ խայտաբղետ ձագարաձև թղթե տոպրակները բռնած և իրենց ետևից ոռնացող կամ օրինակելի տղաներին քարշ տալով։ Օսկարը դեռ ոչ մի անգամ նույն կողմը գնացող այդքան շատ մայրեր չէր տեսել։ Թվում էր, թե նրանք ուխտագնացություն են կատարում դեպի ինչ֊որ մի շուկա, որտեղ մտադիր են վաճառքի նպատակով ցուցադրել իրենց առաջնեկներին կամ ավագությամբ երկրորդներին։ Դպրոցի այդ հոտը, որը բազմիցս նկարագրված է, և որն իր խիստ հատկանշանակությամբ գերազանցում է երկրի վրա հայտնի բոլոր բուրմունքները, արդեն նախասրահում է զգացվում։ Հատակի քարե սալիկների վրա գեղատեսիլ անկարգության մեջ կանգնած էին ոչ այն է չորս, ոչ այն է հինգ գրանիտե սկահակներ, որոնցում միաժամանակ մի քանի ակունքներից ջուր էր բխում։ Երեխաներով, այդ թվում ինձ հասակակից, շրջապատված սկահակները հիշեցնում էին բիսաուցի իմ քեռի Վինցենտի խոզին։ Նա ևս երբեմն պառկում էր իր կողքի վրա և նույնչափ մոլեգին հարձակման էր ենթարկվում իր ծարաված խոճկորների կողմից։

Տղաները կռացել էին սկահակների և անփոփոխ կախ ընկած շատրվանների վրա, իրենց մազերին թույլ էին տալիս ընկնել շիթի տակ, իսկ շիթին՝ ընկնել իրենց բերանը։ Չգիտեմ էլ՝ արդյոք խմո՞ւմ էին նրանք, թե զվարճանում։ Երբեմն երկու տղա, թշերը ուռեցրած, միաժամանակ ուղղվում էին, որպեսզի անպարկեշտ բարձր ձայնով միմյանց դեմքերին պզզացնեն բերաններում տաքացրած ջուրը, որն անկասկած խառնված էր թքի ու հացի փշրանքներին։ Ես, որ անմիջապես մուտքի մոտ՝ չհասկանալով հայացք նետեցի ձախից նախասրահին հարող բաց մարզադահլիճի կողմը, այնտեղ տեսնելով կաշվե զամբիկ, ձող և ճոպաններ, ինչպես նաև սարսափելի զուգափայտ, հանկարծ իսկական, ոչնչով չնվազեցվող ծարավ զգացի, և ուրախ կլինեի ուրիշ երեխաների պես մի քիչ ջուր խմել։ Սակայն ես հո չէի կարող խնդրել մայրիկիս, որը բռնել էր իմ ձեռքը, որպեսզի նա փոքրիկ Օսկարին բարձրացնի մինչև սկահակի եզրը։ Նույնիսկ եթե կանգնեի իմ թմբուկի վրա, միևնույն է, ես չէի կարողանա ձգվել մինչև շատրվանը։ Սակայն երբ, քիչ վեր ցատկելով, ես հայացք նետեցի սկահակներից մեկի եզրից այն կողմ և նկատեցի, թե ինչպես են յուղոտ փշրանքները գրեթե փակել ջրահեռացման անցքը, ինչից սկահակը լցվել էր մի ինչ֊որ անախորժաբեր հեղուկով, ծարավը, որը՝ սպորտային անապատի մարմնամարզական գործիքների միջև թափառելիս, ես շատ շոշափելի էի զգում, անմիջապես լքեց ինձ։

Վիթխարակերտ, հսկաների համար պատրաստված աստիճաններով, դղրդյունով արձագանքող միջանցքներով մայրիկս ինձ վեր տարավ դեպի մի շինություն, որի դռան վերևում կախված էր «1Ա» գրությամբ ցուցանակ։ Շինությունում վխտում էին ինձ հասակակից տղաներ։ Այդ տղաների մայրիկները սեղմվել էին պատուհանների դիմացի պատին և խաչած ձեռքերով ավանդական, խայտաբղետ, ձագարաձև, վերևից մետաքսյա թղթով պինդ կապած իմ հասակից բարձր, ուսումնական առաջին օրվա համար նախատեսված թղթե տոպրակները սեղմել էին կրծքներին։ Մայրիկիս մոտ ևս կար այդպիսին։

Երբ ես նրա ձեռքը բռնած մտա ներս, ժողովուրդը ծիծաղեց, և այդ ժողովրդի մայրերը՝ ևս։ Չաղլիկ տղային, որն անմիջապես ցանկություն ունեցավ իմ փմբուկի վրա թմբկահարել, ես, որպեսզի ստիպված չլինեմ ձայնովս ապակի կտրել, ստիպված էի ոտքով հարվածել ճանին։ Ընդ որում հարվածել ոչ մեկ անգամ։ Տղան ընկավ՝ դպրոցական նստարանին բախման ժամանակ փչացնելով իր սանրվածքը, ինչի համար էլ ես հաջողացրի վզակոթիս մի լավ հարված ստանալ մորիցս։ Տղան ճչում էր, ես, բնական է, ոչ, ես գոռում եմ, միայն երբ ուզում են ձեռքիցս խլել թմբուկը։ Մայրիկս, որի համար մյուս մայրերի աչքի առաջ տեղի ունեցած այդ բախումը չափազանց տհաճ էր, ինձ մտցրեց պատուհանի կողմի մուտքի առաջին նստարանի մեջ։ Ինչ խոսք, նստարանը ինձ համար չափազանց մեծ էր։ Սակայն ավելի հետ գնալիս ժողովուրդը դառնում էր առավել ամուր ու պեպենոտ, իսկ նստարանները ավելի մեծ էին։ Ես ամեն ինչին հարմարվեցի, հանգիստ նստեցի, քանի որ անհանգստանալու համար պատճառներ չունեի։ Մայրիկս, որն իմ կարծիքով դեռ շփոթված էր, խառնվեց մյուս մայրերի ամբոխին։ Հնարավոր է, որ նա իր նմաններից անհարմար էր զգում իմ, այսպես ասած, աճի զարգացման կանգի պատճառով։ Իսկ նրանք, ընդհակառակը, իրենց այնպես էին պահում, կարծես ծանրակշիռ պատճառներ ունեին հպարտանալու իրենց, ըստ իս, չափից դուրս արագ մեծացած համբակներով։

Քանի որ լուսամուտագոգի բարձրությունը նույնչափ քիչ էր համապատասխանում իմ բոյին, որքան և նստարանի չափերը, ես չէի կարող պատուհանից հայացք գցել Ֆրյոբելյան մարգագետնին։ Իսկ ես շատ էի ուզում նայել մարգագետնին, որտեղ, ինչպես գիտեի, սկաուտները կանաչի վաճառող Գրեֆի առաջնորդությամբ վրաններ են տեղադրում, պատերազմ են խաղում և, ինչպես պատշաճ է սկաուտնեին, բարիք են արարում։ Բանն այն չէ, որ ես ցանկություն ունեի մասնակցել այդ չափից դուրս մեծ անուն հանած ճամբարային կյանքին, ոչ, ինձ հետաքրքրում էր բուն Գրեֆի անձը՝ կարճ շալվարով։ Վտիտ, մեծաչյա, չնայած և գունատ տղաների նկատմամբ նրա սերն այնքան մեծ էր, որ նա այն մտցրեց սկաուտային շարժման հիմնադիր Բադեն֊Փոուելի համազգեստի մեջ։

Ճարտարապետական ստորություններից պատճառով զրկված լինելով բավականին հետաքրքրաշարժ տեսարանից, ես կարող էի նայել միայն երկնքին և ի վերջո լիովին բավարարվեցի դրանով։ Անընդհատ նոր ու նոր ամպեր էին լողալով անցում հյուսիս արևմուտքից դեպի հարավ արևելք, կարծես հատկապես այդ ուղղությունն էր ամպերին ինչ֊որ անսովոր ուրախություններ խոստանում։ Իմ թմբուկը, որը մինչ այժմ գեթ մեկ հարվածով անգամ չէր ակնարկել այդ հեռացումը, ես սեղմեցի ծնկներիս և նստարանի արկղի միջև։ Թիկունքի համար նախատեսված տախտակը պաշտպանում էր Օսկարի ծոծրակը։ Իմ ետևում հռհռում, ոռնում, ծիծաղում, լաց լինում ու մոլեգնում էին իմ, այսպես կոչված, համադասարանցիները։ Ինձ վրա թղթե գնդիկներ էին նետում, սակայն ես նույնիսկ չէի շրջվում՝ նպատակսլաց ամպերի տեսքը համարելով ավելի գեղագիտական, քան ամբողջապես հիմարացած համբակների մի ողջ հորդայի ծամածռությունների տեսարանը։

Այն բանից հետո, երբ ներս մտավ «օրիորդ Շպոլլենհաուեր» ներկայացած կինը, «1Ա» դասարանը դարձավ քիչ ավելի լուռ։ Ինձ սակայն պետք չէր լինել ավելի լուռ, ես առանց այն էլ չափից դուրս լուռ էի նստած և խորասուզվելով իմ մեջ, սպասում էի ապագա իրադարձություններին։ Իսկ եթե այնուամենայնիվ միջև վերջ ազնիվ լինեմ, ապա Օսկարը ընդհանրապես անհրաժեշտ չէր համարում սպասել ապագա իրադարձություններին, նա զվարճությունների անհրաժեշտություն չէր զգում։ Իսկ դա նշանակում է, որ նա ոչինչ չէր էլ սպասում, այլ ուղղակի նստել էր նստարանին կամ, ավելի ճիշտ ասած, զատկատոնի առիթով դասասենյակի լավ լվացած պատուհանների դիմաց՝ զգալով միայն իր թմբուկի հպումը և ուրախանալով ամպերի տեսքով։

Օրիորդ Շպոլլենհաուերը կրում էր կոպիտ կարված կոստյում, որը նրա կերպարանքին տղամարդկային ինչ֊որ բան էր հաղորդում։ Այդ տպվավորությունը միայն սաստկանում էր խստաշունչ, կոճկովի և, ինչպես ինձ էր թվում, կոկորդի շրջանում ցելյուլոիդե կոճակ ունեցող օձիքի շնորհիվ, ինչից նրա վիզը դառնում էր ծալքավոր։ Զբոսաշրջիկի իր կոշիկներով հազիվ դասասենյակի շեմից ներս ոտք դնելով, նա ցանկացավ համընդհանուր սեր ձեռք բերել և այդ իսկ պատճառով հարց տվեց․

― Դե, սիրելի երեխաներ, դուք կարո՞ղ եք մի որևիցե երգ երգել։

Պատասխանը՝ համընդհանուր ոռնոց էր, ինչը նա մեկնաբանեց սակայն որպես հաստատող պատասխան, քանզի անմիջապես միտումնավոր բարձր ձայնով սկսեց երգել «Մայիսը եկավ» գարնանային երգը, չնայած գործը տեդի էր ունենում ապրիլի կեսին։ Սակայն դեռ նոր էր նա հռչակել գարնան գալուստը, իսկական դժոխք բռնկվեց։ Սկսելու նշանին չսպասելով, գոնե մոտավորապես բառերը չիմանալով, չունենալով քիչ թե շատ ռիթմի զգացում, թեկուզ այն պարզունակը, ինչպես այդ երգում, ավազակախումբը իմ թիկունքում սկսեց գոռգոռալ՝ մեկը անտառի մասին, մեկը՝ ցախի, այնպես, որ պատերից ցած էին թափվում ծեփերը։

Շպոլլենհաուերը իմ մեջ խճահարություն առաջ բերեց․ չնայած իր դեղնավուն մաշկին, տղայի նմանվող մազերի կրտվածքին և տղամարդու փողկապին, որը նկատելի էր օձիքի անկյունների արանքից։ Եվ, կտրվելով ամպերից, որոնք ակնհայտորեն այսօր պարապմունքներ չունեին, ես շունչ առա, մեկ շարժումով փայտիկները դուրս բերեցի շալվարակալի տակից և բարձրաձայն ու մատչելիորեն թմբուկի վրա թմբկահարեցի երգի ռիթմը։ Սակայն իմ թիկունքում գտնվող ավազակախումը ո՛չ լսողություն ուներ, ո՛չ հասկացողություն։ Միմիայն Շպոլլենհաուերը ինձ քաջալերելով գլուխը շարժեց, ժպտած պատի հենարան դարձած մայրերի խմբին, առանձնահատուկ հայացքով պարգևատրեց իմ մայրիկին՝ դրդելով ինձ դա ընկալել որպես թմբկահարելը հանգիստ շարունակելու, էլ ավելի բարդացնելու և իմ ողջ վարպետությունը ցուցադրելու կոչ։ Իմ թիկունքի ավազակախումբը արդեն վաղուց դադարել էր իր բարբարոսական գոռոցներով իմ թմբկահարելուն ձայնակցելը։ Ես արդեն երևակայում էի, թե իբր իմ թմբուկը հանդես է գալիս դասավանդողի դերում, սովորեցնում, իմ համադասարանցիներին վեր է ածում իմ աշակերտների, սակայն այդ պահին իմ նստարանի առաջ վեր խոյացավ Շպոլլենհաուերը, ուշադիր և ոչ թե լարված, այլ ավելի շուտ ինքնամոռաց ժպտալով նայեց իմ ձեռքին և իմ փայտիկներին, նույնիսկ փորձեց միևնույն չափը տալ։ Մի կարճ ակնթարթ ներկայացավ որպես հմայքից ոչ զուրկ ոչ երիտասարդ աղջիկ, որը մոռանալով իր մանկավարժական կոչման մասին, չընդունելով գրավոր հրամանով իրեն պարտադրված կյանքի ծաղրանկարային պատկերը, դառնում է ավելի մարդկային, այլ խոսքերով՝ երեխայական, հետաքրքրասեր, ոչ հասարակ, ոչ խրատող։

Սակայն երբ Շպոլլենհաուերին չհաջողվեց անմիջապես և ճիշտ կրկնել իմ թմբկային չափը, նա վերադարձավ իր նախկին, ուղղամիտ, հիմարավուն և, դրան գումարած, վճարովի դերին, կենտրոնացավ, ինչպես ժամանակ առ ժամանակ ստիպված են անել ուսուցիչները և ասաց․

― Դու, իհարկե, փոքրիկ Օսկարն ես, մենք արդեն շատ ենք քո մասին լսել։ Որքան գեղեցիկ ես դու թմբկահարում։ Ճի՞շտ է, երեխաներ։ Չէ՞ որ ճիշտ է, մեր Օսկարը լավ թմբկահար է։

Երեխաները սկսեցին լաց լինել, մայրերն ավելի մոտեցան իրար, Շպոլլենհաուերը այդ ընթացքում կարողացավ ամբողջապես տիրապետել իրեն։

― Իսկ այժմ, բարձր ձայնով ասած նա, ― մենք թմբուկը կդնենք մեր պահարանի մեջ, նա անկասկած արդեն հոգնել է և ուզում է հանգստանալ։ Հետո, երբ դասերը ավարտվեն, դու այն հետ կստանաս։

Դեռ արագացնելով այդ կեղծիքով լի խոսքը, նա ինձ ցուցադրեց իր կարճ կտրված ուսուչական եղունգները՝ տասն անգամ փորձելով այդ կարճ կտրված եղունգներով բռնել իմ թմբուկը, որը, տեսնում է Աստված, ո՛չ հոգնել էր, ո՛չ էլ պատրաստվում էր քնել։ Սկզբում ես դիմանում էի, պուլովերի տակ թաքնված մատներով փաթաթվեցի սպտակա֊կարմրավուն օղակին, նայեցի նրան, տեսա, որ նա անփոփոխ պահպանում է դպրոցական ուսուցչուհու վաղնջական չափանմուշային տեսքը։ Նայեցի նրա միջով, Շպոլլենհաուերի ներսում տեսա այնպիսի բաներ, որոնք բավարար են երեք ամբողջական բարոյազուրկ գլուխներում շարադրելու համար։ Սակայն քանի որ խոսքը իմ թմբուկի մասին էր, շեղվեցի նրա ներքին կայնքից, և երբ իմ հայացքը խոցեց նրան թիակների մեջտեղից, լավ պահպանված մաշկի վրա հայտնաբերեցի գուլդենի[5] չափ խալ, վրան երկար մազեր աճած։

Ոչ այն է նա զգաց, որ ես իրեն տեսնում եմ միջանցիկ հայացքով, ոչ այն է բանն իմ ձայնն էր, որն արդեն նախազգուշացնելով, սակայն դեռ վնաս չպատճառելով, քերծում էր նրա ակնոցի աջ ապակին։ Մի խոսքով, նա հրաժարվեց բիրտ ուժի կիրառումից, ինչը ստիպեց, որ նրա մատների ոսկորները ցավեն՝ հավանաբար, չդիմանալով ակնոցի քերծվելուն, ինչի պատճառով նրա մաշկը փշաքաղվեց, մրսածի դողոցով ձեռքերից բաց թողեց թմբուկը և միայն ասաց․ «Որքան չար ես դու, Օսկար», ― դատապարտող հայացք նետեց մորս վրա, որն առանց այն էլ չգիտեր, թե ուր թաքցնի աչքերը։ Նա հանգիստ թողեց իմ մեկ կաթիլ անգամ ոչ քնկոտ թմբուկը, կտկտացնելով իր ցածր ու լայն կրունկները, շրջվեց, բարձրացավ ամբիոնի վրա, իր պորտֆելից ուրիշ ակնոց հանեց, հավանաբար ընթերցանության համար, վճռական շարժումով քթի վրայից հանեց այն հարմարանքը, որը քերծել էր ձայնը, ինչպես եղունգներով են քերում պատուհանի ապակու վրայով։ Ճկույթը ցցելով՝ երկրորդ ակնոցը նստեցրեց իր քթի վրա, հետո ձգվեց, այնպես, որ ինչ֊որ բան նրա ներսում ճտտաց, և կրկին ձեռքը մտցնելով իր պորտֆելի մեջ ասած․

― Իսկ հիմա ես ձեզ կկարդամ դասացուցակը։

Խոզի կաշվից կարված տարողության միջից նա հանեց թղթի մի տրցակ, մեկը վերցրեց իրեն, մյուսները բաժանեց մայրերին, այսինքն՝ իմ մորը նույնպես և վերջապես վեցամյա երեխաներին՝ որոնք սկսել էին կորցնել համբերությունը, բացատրեց, թե ինչ բան է այդ դասացուցակը։

― Երկուշաբթի՝ Աստծո օրենք, նամակ, հաշիվ, խաղեր․ երեքշաբթի՝ հաշիվ, մաքրագրություն, երգեցողություն, բնագիտություն․ չորեքշաբթի՝ հաշիվ, նամակ, նկարչություն, նկարչություն․ հինգշաբթի՝ երկրագիտություն, հաշիվ, նամակ, Աստծո օրենք․ ուրբաթ՝ հաշիվ, նամակ, խաղեր, մաքրագրություն․ շաբաթ՝ հաշիվ, երգեցողություն, խաղեր, խաղեր։

Ահա թե ինչ ազդարարեց մեզ Շպոլլենհաուրերը՝ որպես անդրդվելի ճակատագիր։ Նա ուսուցչական կոնֆերնսի ներկաներին դիմեց իր խիստ, ոչ մի տառ կուլ չտվող ձայնով, այնուհետև հիշելով սեմինար պարապմունքները, դարձավ «քնքուշ» և վարակվեց դաստիարակչական կենսախնդությամբ։

― Դե, թանկագին երեխաներ, այժմ բոլորս միասին կկրկնենք։ Եվ այսպես, երկուշաբթի՞։

Ոհմակը գոռաց․

― Երկուշաբթի։

Նա անմիջապես․

― «Աստծո օրենք»։

Կնքված հեթանոսները գոռացին «Աստծո օրենք» բառերը։ Ես ափսոսում էի իմ ձայնը և դրա փոխարեն թմբուկի վրա թմբկահարեցի կրոնական բառեր։

Շպոլլենհաուերի ողորմածությամբ նրանք իմ թիկունքում ոռնում էին․

― «Նա֊մակ» ― (Իմ թմբուկը պատասխանում էր երկու անգամ) ― «Հաշի՛վ» ― ( Եվս մեկ հարված)։

Իմ ետևում այդպես շարունակվեց գոռոցը, Շպոլլենհաուերը այդպես երգեց՝ իմ դիմաց կանգնած, և ես համաչափ՝ ուրախ դեմք ցույց տալով, իմ թիթեղի վրա խփում էի հաշիվը մինչև Շպոլլենհաուերը՝ արդեն չգիտեմ էլ, թե ինչ ճանճ էր նրան կծել, վեր թռավ տեղից՝ բացահայտ զայրացած։ Սակայն նա ամենևին էլ այն տխմարների վրա չէր զայրացել, որոնք նստած էին նրա առջև, ոչ, դա իմ պատճառով էր, որ նրա թշերը բռնկվեցին տենդագին կարմրով։ Դա Օսկարի անշառ թմբուկն էր, որ նրա համար դարձավ փորձաքար՝ բավարար, որպեսզի զբաղվի ռիթմի զգացումով օժտված թմբկահարով։

― Իսկ հիմա լսիր ինձ, Օսկար։ Հինգշաբթի՝ երկրագիտություն։

Քամահրելով «հինգշաբթի» բառը, ես վեց անգամ հարվածեցի թմբուկիս՝ նշանավորելով «երկրագիտությունը», երկու անգամ՝ «նամակը» և մեկ անգամ «հաշիվը»։ Իսկ Աստծո օրենքը» ես նշեցի, ինչպես պետքն էր, ոչ թե չորս հարվածներով, այլ անջատ֊անջատ՝ երկու անգամ երկուական, թմբուկի բացարձակապես բարեգործական հարվածներով։

Շպոլլենհաուերը, սակայն, չգնահատեց իմ ճշտությունները։ Նրան ընդհանրապես զզվեցրեց թմբկահարությունը։ Ինչպես որ քիչ առաջ նա տասնապատիկ անգամ ցույց տվեց իր կարճ կտրած եղունգները և տասն անգամ ցանկացավ խլել թմբուկը։

Սակայն ես արդեն արձակել էի իմ ապակեկործան գոռոցը՝ նախքան նա հասցրեց դիպչել իմ թիթեղին, և այն երեք սովորական չափերը, գերազանցող դասասենյակի պատուհաններին զրկեց իրենց վերևի մասից։ Երկրորդ գոռոցիս զոհը դառնալով՝ վայր ընկան միջնամասի ապակիները։ Անարգել սենյակ ներխուժեց մեղմ գարնանային օդը։ Այն հանգամանքը, որ երրորդ գոռոցով ես ոչնչացրեցի նաև ներքևի ապակիները, դարձավ, ըստ էության, ավելորդ լկտիություն, որովհետև վերևի և մեջտեղի ապակիների ընկնելուց հետո արդեն Շպոլլենհաուերը ետ քաշեց իր եղունգները։ Արվեստի տեսանկյունից զուտ անիմաստ չարաճճիությունից դրդված ներքևի պատուհանների հախից գալու փոխարեն Օսկարը տեսնում է Աստված, որ ավելի խելացի քայլ կկատարեր, եթե հետևեր ետ նահանջած Շպոլլենհաուերին։

Թե որտեղից նա կախարդանքով ի հայտ բերեց իր եղեգնյա ձեռնափայտը, սատանան գիտե։ Սակայն ձեռնափայտը հանկարծ այդ նույն գարնան շնչի հետ միախառնված, օդում հայտնվեց։ Եվ այդ օդային խառնուրդի միջով կինը ձեռնափայտը սլացիկ թափ տվեց, դարձրեց այն ճկուն, տենչացող, մաշկին հասցվող հարվածներից բավարարվածության ձգտող։ Եվ նա ձեռնափայտով հարվածեծ իր նստարանի կափարչին, այնպես, որ թանաքն ու թանաքամանը մանուշակագույն լեզվակով թռչկոտեցին։ Եվ երբ ես չցանկացա իմ ձեռքերը դնել նրա դիմաց, նա հարվածեծ իմ թմբուկին, հարվածեծ իմ թիթեղին։ Նա, մի ինչ֊որ Շպոլլենհաուերիկ, հարվածեծ իմ թիթեղյա թմբուկին։ Նա ի՞նչ իրավունք ուներ հարվածել։ Դա դեռ ոչինչ, եթե նա այդքան շատ էր ուզում հարվածել, թող հարվածեր, բայց ինչ կապ ուներ այստեղ թմբուկը։ Մի՞թե նրան չեն բավականացնում իմ թիկունքում գտնվող մաքուր լողացած համբակները։ Հենց իմ թիթե՞ղը նրան պետք եկավ։ Նրա համար, ով ոչինչ, բացարձակապես ոչինչ չի հասկանում թմբկահարությունից, պարտադի՞ր էր, որ ձեռք բարձրացներ իմ թմբուկի վրա։ Իսկ այս ի՞նչ է փայլում նրա աչքերի մեջ։ Ինչպե՞ս է անվանվում այն գազանը, որը ցանկացավ հարվածել։ Ո՞ր գազանանոցից է նա փախել, ինչպիսի՞ սնունդ է փափագում, ի՞նչ փնտրում։ Ինչ֊որ բան Օսկարի մեջ արթնացավ, նրան հրում էր ինչ֊որ բան, որը պարզ չէ, թե ինչ խորքերում էր առաջացել։ Ներբանների միջով, կրունկների միջով վեր էր բարձրանում մի ինչ֊որ բան, որը տիրանում էր նրա ձայնալարերին, և այն Օսկարին դրդեց արձակել աղեկտուր գոռոց, ինչը միանգամայն բավարար կլիներ առանց գեթ մեկ ապակի թողնելու մի հրաշակերտ՝ լույսը ներս քաշող, գոթական տաճարի։

Կարճ ասած, ես արարեցի կրկնակի գոռոց, որը Շպոլլենհաուերիկի ակնոցի զույգ ապակիները իսկապես վեր ածեց աճյունի։ Բացարձակապես դատարկ ակնոցի շրջանակների միջով թեթևակի արյունահոսող հոնքերի տակից աչքերը թարթելով, նա նահանջեց ետ ու ի վերջո սկսեց տգեղ և ուսուցչուհու համար չափից դուրս անզուսպ հեծկլտալ, իսկ իմ թիկունքում գտնվող ավազակախումբը վախեցած, հաճախակի նստարանների տակ թաքնվելով, հաճախակի ատամներով թմբկահարելով, սսկվեց։ Ոմանք նույնիսկ սողում էին սեղանից սեղան՝ իրենց մայրերին մոտ։ Վերջիններս, սակայն, հասկանալով, թե ես ինչ եմ արել, սկսեցին փնտրել մեղավորին, ցանկանում էին նետվել մորս վրա և անպայման կնետվեին, եթե ես, վերցնելով թմբուկս, նստարանից ցած չսահեի։

Ես կիսակուրացած Շպոլլենհաուերիկի կողքով, մայրիկիս շրջապատած կռվարար կանանց միջով ճեղքեցի, մոտեցա մայրիկիս, բռնեցի նրա ձեռքը և դուրս տարա «1Ա» դասարանից, որտեղ միջանցիկ քամիներն էին զբոսնում։ Դղրդացող միջանցքներ։ Քարե աստիճաններ՝ հսկա երեխաների համար։ Հացի փշրանքներ՝ շատրվաններով գրանիտե սկահակներում։ Բաց մարզադահլիճում մարզաձողի տակ տղաներ էին թռչկոտում։ Մայրիկս մինչ այժմ թուղթը պահել էր ձեռքերում։

Պեստալոցցիի անվան դպրոցի շքամուտքի առջև ես նրա ձեռքից խլեցի թուղթը և, իմաստազուրկ դասացուցակը ճմռթելով՝ թղթե գնդիկ պատրաստեցի։

Սակայն լուսանկարչին, որը շքամուտքի սյուների արանքում դարան մտած սպասում էր մայրիկների ու թղթե տոպրակների ուղեկցությամբ անցնող առաջին դասարանցիներին, Օսկարը թույլ տվեց լուսանկարել իրեն և այդ ողջ խառնաշփոթում չկորած թղթե տոպրակը։ Արևը դուրս եկավ, մեր գլխավերևում աղմկում էին դասասենյակները։ Լուսանկարիչը Օսկարին կանգնեցրեց «Իմ առաջին օրը դպրոցում» գրությամբ գրատախտակի առջև։


Ռասպուտինը և այբբենարանը

Ականջի պոչով լսող հիվանդապահ Բրունոյին և իմ ընկեր Կլեփին, պատմելով դասացուցակի հետ Օսկարի առաջին հանդիպման մասին, ես հենց նոր ասացի․ գրատախտակին փակցված փոստային բացիկի չափով դպրոցական լուսանկարի վրա գրված էր․ «Իմ առաջին օրը դպրոցում»։

Հասկանալի է, որ այդ գրությունը կարող էին կարդալ միայն մայրիկները, որոնք կանգնած էին լուսանկարչի թիկունքում և ավելի շատ էին անհանգիստ, քան իրենց երեխաները։ Գրատախտակի ֆոնի վրա պատկերված տղաները միայն մեկ տարի անց՝ երբ նոր առաջին դասարանցիները Զատիկին մոտ սկսում էին իրենց պարապմունքները, իրենց մոտ մնացած լուսանկարներից կարող էին կռահել, որ այդ չլսված գեղեցկությամբ նկարները իրենց ուսումնական առաջին օրվա կապակցությամբ են արվել։

Զյութերլինովյան տառատեսակի տառերը կեղծ, ներսից խփված կորություններով, չարադեմ սուր ծայրերով սողում էին տախտակի վրայով, դուրս էին բերում կավճե գրությունը, որն ազդարարում էր կյանքի նոր հատվածը։ Զյութելինովյան գոթիկան իրականում պիտանի է միայն ամեն աչքի զարնող հրատապ կարգախոսների համար։ Գոյություն ունեն նաև հայտնի փաստաթղթեր, որոնք ինձ տեսնել չի վիճակվել, սակայն որոնք, այնուամենայնիվ, ես կարող եմ ինձ պատկերացնել միայն այդ տառատեսակով գրված։ Ինձ պատկերանում են պատվաստումների վերաբերյալ տեղեկանքներ, մարզական պատվոգրեր և ձեռագրով գրված մահվան դատավճիռներ։ Արդեն այն օրը, երբ ես կարողացա ներթափանցել այդ տառատեսակի էության մեջ, չնայած դեռ կարդալ չգիտեի, զյութերլինովյան գոթական «Մ»֊ի կրկնակի հանգույցը, որով սկսվում էր ձեռագիրը, դավադրորեն, կանեփաթելի հոտ արձակելով, հիշեցնում էր ինձ տառատեսակը։ Բայցևայնպես ես շատ ավելի ուրախ կլինեի ոչ միայն կռահել գրվածի մասին, այլև տառը տառի ետևից կարդալ։ Ոչ ոք թող չմտածի, թե իբր Շպոլլենհաուերի հետ իմ հանդիպումը, երբ ես երգելով ապակի էի կտրում և, ի նշան բողոքի, խռովարարորեն թմբկահարում էի ես անցկացրեցի առավելագույն դիրքերից, քանզի արդեն տիրապետում էի այբբենարանին։ Ոչ և ևս մեկ ամգամ ոչ։ Ես հրաշալի հասկանում էի, որ զյութերլինովյան տառատեսակի թաքնված իմաստի մեջ ներթափանցելով, դեռ ոչինչի չէի հասել, որ ես դպրոցական տարրական գիտելիքների պակաս եմ զգում։ Միայն ափսոս, որ Օսկարին դուր չեկավ այն մեթոդը, որի օգնությամբ ոմն Ֆ․ Մ․ որոշել էր նրան տանել դեպի այդ գիտելիքները։

Այդ իսկ պատճառով, լքելով դպրոցը, ես՝ ոչ հաստատ, բայց և այնպես որոշեցի․ իմ առաջին դպրոցական օրը թող լինի նաև վերջինը։ Գուցե օրվա վերջին ծուլանո՞ւմ ես սովորել։ Նման մի բան։ Արդեն այն ժամանակ, երբ լուսանկարիչը անմահացնում էր ինձ, ես մտածում էի․ «Ահա դու կանգնած ես դպրոցական գրատախտակի առջև, հնարավոր է, շատ կարևոր, հնարավոր է, ճակատագրական գրության տակ։ Իհարկե, գրության մասին դու կարող ես դատել նրա արտաքին տեսքից, թվարկել բոլոր մտապահումները, ասենք «մի տեղանոց բանտախուց», «նախնական կալանք», «ոստիկանության հսկողության տակ» և «մեկ֊երկու֊վերցրինք», սակայն դու ընդունակ չես բացատրել դրանք։ Դրան գումարած, չնայած ամպամած երկնքի հանդեպ քո ողջ աղաղակող տգիտությանը, դու որոշեցիր այլևս երբեք ոտքդ հաստատուն դասացուցակով այդ դպրոցի շեմից ներս չդնել։ Եվ այսպես, որտե՞ղ ես դու պատրաստվում ուսումնասիրել այբբենարանի մեծատառերն ու փոքրատառերը»։

Այն հետևությանը, որ աշխարհում գոյություն ունեն մեծ ու փոքր տառեր, ես, ում աչքերի համար բավարար կլինեն նաև միայն փոքրերը, լուռ եկա այն եզրակացության, որ գոյություն ունեն մեծ մարդիկ, որոնք իրենց անվանում են մեծահասակներ։ Մենք չենք հոգնում հաստատել մեծ ու փոքր տառերի գոյության իրավունքը, մեծ ու փոքր կատեխիզիսի, մեծ ու փոքր բազմապատկման աղյուսակի գոյությունը, իսկ պետական այցերի ժամանակ ելույթը, տոնական համազգեստով գործող դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների քանակից կախված՝ մեծ կամ փոքր երկաթուղային կայարանի մասին է։

Հետագա ամիսների ընթացքում ո՛չ Մացերատը, ո՛չ մայրիկս չէին մտածում իմ կրթության մասին։ Ծնողներս որոշեցին սահմանափակվել ինձ դպրոց ուղարկելու՝ մայրիկիս համար այդքան ծանր ու ամոթալի առաջին փորձով։ Այժմ նրանք իրենց պահում էին մորեղբայր Բրոնսկու պես, ախ էին քաշում, վերից վար ինձ նայելով, քրքրում էին հին պատմությունները, օրինակ, իմ երրորդ ծննդյան տարեդարձի օրը։ «Չփակված կափարիչը։ Դա դու էիր, որ այն չէիր փակել, ճի՞շտ է։ Դու խոհանոցում էիր, իսկ հետո իջար մառան, ճի՞շտ է։ Դու դեսերտի համար հանեցիր մրգային կոմպոտով բանկան, ճի՞շտ է։ Իսկ կափարիչը չփակեցիր քո ետևից, ճի՞շտ է»։

Այն ամենը, ինչում մայրիկս հանդիմանում էր Մացերատին, ճիշտ էր և, ինչպես մենք գիտենք, ամեն ինչ ճիշտ չէր։ Սակայն Մացերատը կրում էր մեղքի բեռը և նույնիսկ երբեմն լաց էր լինում, քանզի նրա ոգին ունակ էր մեղմանալ։ Այդ ժամանակ մայրիկս ու Յան Բրոնսկին ստիպված էին նրան մխիթարել և ինձ՝ Օսկարիս, անվանում էին խաչ, որը պետք է տանել, ճակատագիր, որի գութը չի կարելի շարժել, փորձություն, որի մասին անհնար է ասել, թե ինչի համարա է այն քեզ ի վերուստ ուղարկված։

Այլ խոսքերով ասած, այդ ծանր փորձության ենթարկվող, անողոք ճակատագրով ճզմված խաչակիրներից օգնություն պետք չէր սպասել։ Մորաքույր Հեդվիգ Բրոնսկին, որը հաճախ էր գալիս իմ ետևից, որպեսզի ես շթեֆերնյան զբոսայգու ավազուտի մեջ խաղայի իր երկու տարեկան աղջկա՝ Մարգոյի հետ, որպես ուսուցչուհի հաշվի մեջ չէր․ չնայած նա բարեհոգի կին էր, ուղղակի սրբության աստիճան հիմար էր։ Ես միաժամանակ ստիպված էի գլխիցս դեն նետել բժիշկ Հոլլացի բուժքրոջը՝ Ինգային, չնայած նա ո՛չ բարեհոգի էր և ո՛չ էլ հիմար։ Բանն այն է, որ նա խելացի էր, ոչ թե ընդամենը ընդունելության ժամերի օգնականուհի, այլ անփոխարինելի ենթակա, և այդ իսկ պատճառով նրա մոտ ինձ համար ժամանակ չէր մնում։

Օրական մի քանի անգամ ես հաղթահարում էի հինգհարկանի տան ավելի քան հարյուր աստւճանները, օգնություն փնտրելով թմբկահարում էի ամեն աստիճանահարթակի վրա, հոտոտում, թե ինչ են ուտելու այսօր ճաշին, ինչ է ուտելու մեր տասնինը ընտանիքից յուրաքանչյուրը։ Ոչ մի դուռ չէի թակում, քանի որ ապագա դաստիարակի չէի տեսնում ոչ ի դեմս ծերունի Հայլանդի, ոչ ժամագարծ Լաուբշադի, և ոչ էլ առավել ևս գերֆրաու Կուտերի կամ, ողջ համակրանքով հանդերձ, Տրուշինսկի մայրիկի։

Ճիշտ է, մեր տանիքի տակ էր կենում երաժիշտ ու շեփորահար Մայնը։ Պարոն Մայնը չորս կատու էր պահում և մշտապես հարբած էր։ Նա «Յինգլերյան բլուր» սրճարանում պարային եղանակ էր նվագում, իսկ թաթախման տոնին իր պես մի հինգ զեխ ու շվայտների հետ փողոցներում կոխկրտում էր ձյունը և փորձում բազմազան օրհներգերի օգնությամբ հաղթահարել սառնամանիքը։ Ինչ֊որ մի անգամ ես նրան հանդիպեցի ձեղնահարկում․ սև շալվարով և զարդարուն վերնաշապիկով նա պառկած էր մեջքի վրա՝ կոշկեզուրկ ոտքերով գիհիի օղու դատարկ շիշը դես ու դեն գլորելով և հմայված շեփորի վրա նվագելով։ Մետաղը շուրթերից չկտրելով ու միայն իմ կողմը նայելու համար աչքերը մի փոքր վեր հառելով, իսկ ես կանգնած էի հենց նրա ետևում, նա ինձ ընդունեց միանգամայն հարգալից՝ որպես նվագակցող թմբկահարի։ Իր մետաղը նրա համար առավել թանկ չէր, քան իմը։ Մեր զուգանվագը տանիք քշեց նրա չորս կատուներին և ստիպեց, որ կղմինդրը թեթևակի թրթռա։

Երբ մենք ավարտեցինք նվագը և ցած իջեցրինք թիթեղները, ես իմ պուլովերի տակից հանեցի «Նորագույն լուրեր» թերթի հին համարը, թուղթը հարթեցի, ծնկաչոք նստեցի շեփորահարի դիմաց, նրա քթի տակ մտցրեցի այդ անորակ գիրը և պահանջեցի ինձ դասավանդել մեծատառերն ու փոքրատառերը։

Սակայն հազիվ շեփորի հետ ավարտած, պարոն Մայնը խորասուզվեց քնի մեջ։ Նրա կյանքում գոյություն ունեին միայն երեք ճշմարտացի իրավիճակներ՝ գիհիով շիշը, շեփորն ու քունը։ Ընդհուպ մինչև այն ժամանակները, երբ նա երաժշտի կարգավիճակով աշխատանքի անցավ ՍԱ֊ի ձիավորների մոտ և մի քանի տարով գիհիի օղուց հրաժարվեց, մենք նրա հետ շատ անգամ ձեղնահարկում, առանց նախնական փորձերի, կատարեցինք մեր զուգանվագը, կատարեցինք շեփորների, կղմինդրերի, աղունիկների ու կատուների համար, սակայն այդ դերում նա որևէ կերպ պիտանի չէր։

Այդ ժամանակ ես իմ բախտը փորձեցի Գրեֆի մոտ։ Առանց թմբուկի, քանի որ Գրեֆը թմբուկ չէր սիրում, ես բազմիցս այցելեցի նկուղային կրպակ, որը տեղավորված էր շեղությամբ մերի դիմաց։ Թվում էր, թե այստեղ առկա են բոլոր նախադրայլները խորացված պարապմունքների համար, պատահական չէ, որ ողջ երկսենյականոց բնակարանով մեկ և կրպակում, վաճառասեղանի տակ, նույնիսկ կարտոֆիլ պահելու համար նախատեսված համեմատաբար չոր մառանում գրքեր էին դրված՝ արկածային գրքեր, երգարաններ, «Քերովբեական օտարականը», Վալտեր Ֆլեկսի գործերը, Վրիխերթի «Սովորական կյանքը», «Դափնին ու Քլոյան» նկարիչների մասին մենագրություններ, մարզական ամսագրերի տրցակներ։ Պատկերազարդ հատորներ, որոնցում պատկերված էին կիսամերկ տղաներ, ովքեր, Աստված գիտե թե ինչու, վազում էին գնդակի ետևից, առավել հաճախ ծովափին, ավազաբլուրների միջև՝ ցուցադրելով իրենց յուղած մկանունքը։

Գրեֆի մոտ դեռ այն ժամանակներում կրպակի հետ կապված անախորժություններ կային։ Հարգորոշիչ պալատի հսկիչները կշռաքարերի ստուգման ժամանակ ինչ֊որ թերություններ էին հայտնաբերել։ Հնչում էր «թերակշռում» բառը։ Գրեֆը ստիպված էր տուգանք մուծել և նոր կշեռքներ ձեռք բերել։ Նման վշտալի վիճակում Գրեֆին կարող էին ուրախացնել միայն գրքերը և մեկ էլ սկաուտականների հետ յերեկոյան հանդիպումերը, մեկ էլ հանգստյան օրերին նրանց հետ արշավները։

Իմ այցին նա գրեթե ուշադրություն չդարձրեց և շարունակեց լրացնել գնապիտակները, իսկ ես, օգտագործելով բարենպաստ իրավիճակը, վերցրեցի կարմիր մատիտ ու սպիտակ գույնի ստվարաթղթի չորս կտոր։ Դրանից հետո, որպես հիմք ընդունելով արդեն վրան գրոտած ստվարաթուղթը, ուշադրություն գրավելու նպատակով մեծագույն ջանասիրությամբ սկսեցի նրա վրա պատկերված տառատեսակը եռանդուն կերպով նմանակել։

Նրա կարծիքով, հավանաբար Օսկարը չափից դուրս փոքր էր, մեծաչք ու սփրթնած չէր։ Այդ ժամանակ ես մի կողմ դրեցի կարմիր մատիտը, Գրեֆի աչքին ընկնող՝ մերկ տղաներով լի, մի գիրք ընտրեցի, փորձեցի նրա ուշադրությունը գրավել խոնարհվող ու ձգվող տղաների, որոնք ինչպես թվաց, Գրեֆի համար հրապուրիչ են, լուսանկարները բռնելով թեքությամբ, որպեսզի նա դրանք կարողանա տեսնել։

Իսկ քանի որ կանաչի վաճառողը չափից դուրս ջանասիրաբար էր արտագրում թվերը գնապիտակների վրա, երբ կրապակում չկային ճակնդեղ գնել ցանկացող գնորդներ, ես ստիպված եղա առավել լսելի շրխկացնել կազմերը կամ աղմկոտ և արագ թերթել էջերը, որպեսզի նա ի վերջո դուրս գար իր գնապիտակների միջից և մասնակից դառնար իմ՝ կարդալ չիամցողիս գործին։

Պարզ ասեմ՝ Գրեֆը այդպես էլ ինձ չհասկացավ։ Երբ կրպակում էր գտնվում իր սկաուտներից որևէ մեկը (իսկ ճաշից հետո միշտ էլ այնտեղ կուտակվում էին երկու֊երեք կրտսեր հրամանատարներ), նա ընդհանրապես Օսկարին այլևս չէր նկատում։ Իսկ երբ Գրեֆը մենակ էր լինում, զայրանալով այն բանի վրա, որ իրեն խանգարում են զբաղվել գնապիտակներով, կարող էր նյարդային բարկությամբ ցատկել ոտքի ու կարգադրել։

Օսկար։ Հանգիստ թող գիրքը։ Միևնույն է, դու նրա հետ անելիք չունես։ Նրա համար դու չափից դուրս փոքր և չափից դուրս հիմար ես։ Կարող ես փչացնել։ Այն վեց գուլդենից թանկ է արժեցել։ Եթե ուզում ես խաղալ, այստեղ կարտոֆիլ ու կաղամբ շատ կա։

Այնուհետև նա իմ ձեռքից խլեց գիրքը, դեմքի արտահայտությունը չփոխելով՝ այն թերթեց, իսկ ինձ գցեց կաղամբի ու ճակնդեղի հետ, բրուսելյան կաղամբի, կարմիր ճակնդեղի, սպիտակ գլուխ կաղամբի՝ թողնելով, որ շաղգամի ու կարտոֆիլի միջև միայնակ հալումաշ լիներ․ չէ՞ որ թմբուկը Օսկարի մոտ չէր։ Ճիշտ է, գոյություն ուներ նաև ֆրաու Գրեֆը, և կանաչավաճառի կողմից մերժված, ես առավել հաճախ գաղտագողի մտնում էի ամուսինների ննջասենյակը։ Այդ ժամանակաշրջանում ֆրաու Գրեֆը արդեն մի քանի շաբաթ էր, ինչ վեր չէր կենում անկողնուց, հիվանդ տեսք ուներ, նրա վրայից նեխած գիշերային վերնաշապիկի հոտ էր գալիս և, չնայած նա ինչ ասես ձեռքը չէր վերցնում, գրքերը, որոնցով ես կարող էի սովորել, նա ընդհանրապես չէր վերցնում։

Օսկարը նախանձի թեթև զգացումով էր նայում իր հասակակիցների ուսած դպրոցական պայուսակներին, որոնց կողքից կախ ընկած տարուբերվում էին գրատախտակի համար նախատեսված սպունգներ և ջնջոցներ։ Սակայն նա որևէ դեպք չէր հիշում, որ իր մոտ նմանատիպ միտք առկայծեր․ «Դու ինքդ ես եփել այս շիլան, Օսկար։ Կարող էիր, չէ՞, լավ դիրք ընդունել դպրոցական խաղի ժամանակ։ Կարող էիր հավերժ դարերով հարաբերություններդ չփչացնել Շպոլլենհաուերիկի հետ։ Այդ համբակները վազելով հասնում֊անցնում են քեզանից։ Նրանք արդեն ողջ այբբենարանը գիտեն անգիր, իսկ դու նույնիսկ նորագույն լուրերը ձեռքումդ ճիշտ բռնել չգիտես»։

Ինչպես արդեն ասացի, թեթևակի նախանձ, սակայն ոչ ավելին։ Քանզի փորձառության համար հոտ քաշելու տարրական փորձը բավական էր, որպեսզի ընդմիշտ մերժեի նույն այդ դպրոցը։ Գոնե մեկ անգամ վիճակվե՞լ է քեզ հոտ քաշերլ անկյուններում դեղնած, պլոկված, գրատախտակի վատ լվացված ու քրքրված սպունգներից ու ջնջոցներից, որոնք դպրոցական պայուսակների ամեն էժանագին կաշվի վրա պահպանվում են ամենատարբեր վայելչագրությունների գոլորշիները։ Բազմապատկման փոքր ու մեծ աղյուսակների հոտը, թքով խոնավացված, ձեռքից դուրս սահող կավճիկների լպրծությունը։ Ժամանակ առ ժամանակ, երբ դպրոցից տուն վերադառնալիս աշակերտները ինձանից ոչ հեռու, ուսերից ցած էին դնում պայուսակները, որպեսզի ֆուտբոլ կամ ուղղակի գնդակ խաղան, ես կռանում էի արևի տակ չորացող սպունգների վրա և պատկերացնում, որ եթե աշխարհում սատանա գոյություն ունի, ուրեմն հենց նրա թևատակում է, որ հասունանում է նման բան։

Կարճ ասած, շերտաքարե գրատախտակներով դպրոցը ամենևին իմ ճաշակով չէր։ Չնայած Օսկարը չէր համարձակվի ասել, որ Գրեթխեն Շեֆլերը, որին ոչ հեռու ապագայում վիճակված էր իր վրա վերցնել նրա կրթության հոգսը, մարմնավորում էր լավ ճաշակի մասին նրա պատկերացումները։

Քլյայնհամմերվեգ փողոցի փռին կից շեֆլերյան բնակարանի ողջ կահավորանքը վիրավորում էր ինձ։ Այդ անձեռոցիկները, այդ զինանշաններով բարձիկները, բազմոցի անկյուններում ծպտված այդ տիկնիկները, ամենուր աչքի զարնող այդ շորե գազանիկները, այդ ճենապակին, որի տեսքից ցանկություն էր առաջանում ճանաչել փղին, ամենուր զբոսաշրջիկների հուշանվերներ են, կեռիկով, ձողերով ձեռագործ ասեղնագործություններ, հյուսվածքներ, մաքրամե, ժանյակներ, ժանյակազարդ եզրավորումներ։ Այդ շատ անուշ, հմայող, հարմարավետ, խեղդող նեղվածքի, ձմռանը չափից դուրս տաքացվող, ամռանը ծաղիկներով թունավորված բնակարանի առիթով ես ընդամենը մեկ բացատրություն եմ գտնում․ Գրեթխեն Շեֆլերը երեխաներ չուներ, սակայն չափից դուրս ուրախ կլիներ ունենալ, որպեսզի կարեր ու գործեր։ Շատ ուրախ կլիներ, ով էլ որ լիներ դրա պատճառը՝ անձամբ Շեֆլերը, թե ինքը, ախ որքան նա կուրախանար՝ հենց այդպես կբռներ ու կուտեր, փոքրիկ բալիկ փաթաթելու համար, ուլունքով զարդարելու համար, եզրակարերի համար, փոքրիկ խաչով ասեղնագործության համար։

Եվ ես այստեղ հայտնվեցի, որպեսզի ուսումնասիրեմ մեծատառերն ու փոքրատառերը։ Ես ամեն կերպ ջանում էի չվնասել որևէ հուշանվեր, մի որևէ ճենապակյա իր։ Իմ ապակեսպան ձայնը ես, այսպես ասած, թողեցի տանը և կարծես ականջիս կողքով բաց թողեցի Գրեթխենի այն հայտարարությունը, որ արդեն բավական է թմբկահարել, ինչից հետո՝ ծիծաղելով ձիու ոսկե ատամներով, նա ծնկներիս վրայից վերցրեց թմբուկը և իմ թիթեղիկը դրեց շորե արջուկների միջև։

Ես ընկերացա երկու տիկնիկների հետ, նրանց սեղմեցի ինձ, սիրահարի պես մատներս հերթով կպցրեցի այդ մշտապես զարմանքով նայող տիկնիկային թերթերունքներին, որպեսզի իմ կեղծ, սակայն, դրանով հանդերձ, առավել իրական դիտվող տիկնիկների հետ ընկերությունը կարողանա որևէ կերպ շարժել նաև Գրեթխենի սիրտը։

Պարզվեց, որ ծրագիրը վատ չէ։ Արդեն իմ առաջին այցի ժամանակ Գրեթխենը իմ առջև բացեց իր սիրտը, ավելի ճիշտ ասած, նա ազատ արձակեց այն, ինչպես արձակում են երկար գուլպաները, ցույց տվեց ինձ երկար, արդեն ոչ ամուր, մի քանի տեղերում հանգույցներով թելը, բացելով բոլոր պահարանները, սնդուկներն ու զարդատուփերը՝ իմ առջև շարեց հուլունքների հետ մեկտեղ կարված խլամը, այնքան մանկական կարճ զգեստներ, մանկական լանջապանակներ, մանկական շալվարիկներ ինձ ցույց տվեց, որ կբավարարեր ողջ հինգի համար, դրանք կպցնում էր ինձ, փորձում իմ վրա և կրկին հանում։

Այնուհետև նա ցուցադրեց Շեֆլերի շքանշանները, որոնք վերջինս ստացել էր հրաձգարանում, այնուհետև՝ լուսանկարներ, որոնք մասամբ համապատասխանում էին մեր ունեցածներին և, ի վերջո, քանի որ նա կրկին վերադարձավ մանկական իրերին, փնտրելով չոչաշորի տիպի ինչ֊որ բան և, վերջապես լույս աշխարհ եկան գրքերը։ Օսկարը այդպես էլ հաշվարկել էր, որ մանկական անպետք իրերի մեջ կգտնի գրքեր․ չէ՞ որ ինքը գիտեր, թե ինչ ակտիվությամբ են նրանք երկուսով, երբ դեռ նոր էին միայն նշանվել և գրեթե նույն ժամանակ ամուսնացան, գրքեր վերցնում կինոյի պալատին կից գրադարանից, որպեսզի կարդացածով կերակրվելով, գաղութային ապրանքներ վաճառողի և հացթուխի հետ ամուսնությանը ավելի լայն մտահորիզոն և մեծ քայլ հաղորդեն։

Գրեթխենը ինձ շատ բան առաջարկել չէր կարող։ Նա ամբողջապես դադարել էր կարդալ այն ժամանակից, ինչ սկսեց զբաղվել գործելով, հավանաբար, ինչպես և մայրիկս, որը Յան Բրոնսկու պատճառով այլևս կարդալու ժամանակ չուներ, տպավորիչ հատորներ էր նվիրաբերել գրական միությանը, որի անդամներն էին նրանք երկար ժամանակ։ Այն մարդկանց, ովքեր դեռ չէին դադարել կարդալ, քանի որ նրանք ոչ գործում և ոչ էլ իրենց մոտ Յան Բրոնսկի ունեին։

Նույնիսկ վատ գրքերը, միևնույն է, գրքեր են և այդ իսկ պատճառով սրբազան են։ Այն, ինչ ես հայտնաբերեցի, հիմնականում պարզաբանում էր կաղամբի ու շաղգամի տեսակները և ծնունդով հավանաբար նրա եղբոր՝ Լեոյի գրքային պահուստներից էր, որն իր նավաստու մահը գտավ Դեգտերյան բանկայի շրջանում։ Քյոլլերյան ծովային օրացույցի յոթ կամ ութ հատորները, որնոք լի էին վաղուց խորտակված նավերով, թագավորական նավատորմի պաշտոններ ու կոչումներ, հերոս֊նավաստի Փաուլ Բենկե․ թժվար թե դա լիներ այն սնունդը, ինչին փափագում էր Գրեթխենի սիրտը։ Դանցիգ քաղաքի պատմությունը գրված էր Էրիխ Կայզերի կողմից, և Հռոմի համար այն ճակատամարտը, որը ենթադրաբար մղել է Ֆելքս Դան անունով մեծ մարդը Տոտիլայի և Տեյի, Վելիզարիայի և Նարսեսի օգնությամբ, հավանաբար ևս կորցրել են իրենց փալը։ Գրքերից մեկը ես վերագրում էի հենց Գրեթխենի պահուստների գիրք, որը խորհում էր եկամուտ֊ծախսի շուրջ և էլի ինչ֊որ բան Գյոթեի «Ընտրովի ազգակցության» մասին, ինչպես նաև «Ռասպուտինը և կանայք» հարուստ նկարազարդումներով ցնփոր հատորը։

Ընտրությունը չափից դուրս փոքր էր, որպեսզի ես կարողանայի արագ որոշում կայացնել։ Երկար խոհեից հետո ես վերցրեցի, նույնիսկ չիմանալով էլ, թե ինչ եմ վերցնում, միայն սովորական ներքին ձայնիկիս ենթարկվելով, նախ Ռասպուտինին, իսկ հետո Գյոթեին։

Եվ այդ կրկնակի որսը կոչված էր կանխորոշել իմ կյանքը և ազդել նրա վրա, համենայն դեպս նրա այն մասի վրա, որը ես համարձակվեցի վարել թմբուկից կտրված։ Եվ մինչ օրս (քանզի Օսկարը, լցվելով կրթության հանդեպ ձգտումով, կամաց֊կամաց գայթակղվելով, իր սենյակ է բերում հատուկ բժշկական հիմնարկության գրադարանային պաշարները) ես, քամահրելով Շիլլերին և նրա համախոհներին, տատանվում է Գյոթեի ու Ռասպուտինի միջև՝ բժշկողի ու պայծառատեսի, կանանց կախարդողի և բանաստեղծների լուսավոր թագավորի միջև, որն այնքան հաճույքով կանանց թույլ էր տալիս կախարդել իրեն։ Եթե երբեմն ես համարում էի, որ առավել շատ պատկանում եմ Ռասպուտինին և սարսափում էի գյոթեական անհանդուրժողականությունից, դա բացատրվում էր անորոշ կասկածանքով․ եթե քեզ, Օսկար, բախտ վիճակվեր թմբկահարել Գյոթեի դարաշրջանում, նա քո մեջ կկռահեր միայն հակաբնականը, նա քեզ կմերժեր որպես հակաբնականի մարմնավորում։ Իսկ նրա բնությունը, որով դու միշտ հիացել ես, դեպի որը միշտ ձգտել ես, նա կկերակրեր չափից դուրս քաղցրացրած կոնֆետներով, իսկ քեզ, խճուկ չափապակասիդ, կթխկացներ եթե ոչ «Ֆաուստով», ապա հաստատ իր «Գիտություն գունի մասին» գրքի որևէ մի ցնփոր հատորով։

Սակայն վերադառնանք Ռասպուտինին։ Գրեթխեն Շեֆլերի օգնությամբ նա ինձ սովորեցրեց մեծատառերն ու փոքրատառերը, սովորեցրեց ուշադրությամբ վերաբերվել կանանց և սփոփում է ինձ, երբ ինձ անպատվում է Գյոթեն։

Կարդալ սովորելը և միաժամանակ քեզ անգետիկի տեսք տալը այնքան էլ հեշտ բան չէր։ Դա ինձ հաջողվեց ավելի մեծ դժվարությամբ, քան տարիներով գիշերները մանկական անմիզապահություն պատկերելու անհրաժեշտությունը։ Չէ որ անմիզապահությունը հանգեցնում էր նրան, որ ամեն առավոտ ցուցադրվեր արատը, առանց որի ես լիովին կարող էի ընտելանալ։ Իսկ ահա անգետիկ պատկերելը ինձ համար նշանակում էր թաքցնել իմ արագ հաջողությունները, մշտական պայքար մղել արթնացող գաղափարական փառասիրության դեմ։ Եթե մեծահասակները կարծում էին, որ ես միզում եմ անկողնուս մեջ, ես միայն ուսերս էի թափ տալիս, սակայն ահա այն, որ ես տարեցտարի պետք է նրանց դիմաց ապուշի դեր կատարեի, անպատվում էր հենց Օսկարին և նրա ուսուցչուհուն։

Բավական էր, որ ես մանկական սպիտակեղենի միջից փրկեի գրքերը, երբ Գրեթխենը անմիջապես, ուրախ ախուվախերով, գիտակցեց իր մանկավարժական կոչումը։ Ինձ հաջողվեց իրեն ոտքից մինչև գլուխ գարծած չբեր Գրեթխենին խորամանկությամբ դուրս բերել իր կծիկի միջից և դարձնել գրեթե երջանիկ։ Դե իհարկե, նա կգերադասեր, որպեսզի ես ընտրեի եկամուտի ծախսի գիրքը, սակայն ես Ռասպուտինին էի ցանկանում, իսկ երբ նա սկսեց ինձ հրամցնել ածխահատների կյանքի մասին վեպեր, «Թզուկ֊Քիթը» և «Մատնաչափիկը» տիպի հեքիաթներ, ես նույնիսկ որոշում կայացրի ի վերջո խոսել։ «Ռասպուտին, ― գոռում էի ես կամ, ― Ռաշուշին»։ Իսկ երբեմն արդեն չափից դուրս հիմար ձևով․ «Ռաշու, Ռաշու», ― բլբլում էր Օսկարը, որպեսզի Գրեթխենը մի կողմից հասկանար, թե ինչպիսի գրականությունն էր ինձ համար հաճելի, իսկ մյուս կողմից՝ ոչ մի դեպքում չկռահեր նրա արթնացած, ընթացքից տառերը կտցող հանճարեղության մասին։

Ինձ չափից դուրս մտքերով չծանրաբեռնելով, ես սովորում էի արագ։ Մեկ տարի անց ես ինձ զգում էի ինչպես տանը՝ Պետերբուրգում, բոլոր ռուսաստանցիների միապետի ընտանեկան հարկաբաժնում, մշտապես հիվանդ արքայազնի մանկական սենյակում, խռովարարներով ու տերտերներով և ոչ որպես անկարևոր հանգամանք, ռասպուտինյան խրախճանքների ականատեսով շրջապատված։ Դա ուներ ինձ պատկառանք հաղորդող երանգավորում, քանզի այստեղ, բոլորը խմբավորվում էին կենտրոնական դեմքի շուրջ։ Այդ նույնի մասին էին վկայում նաև գրքի մեջ ցաքուցրիվ ներկայացված ժամանակակից փորագրանկարները, որոնք մորուքավոր ածխագույն֊սև աչքերով Ռասպուտինին պատկերում էին սև գուլպաներ հագած մերկ կանանցով շրջապատված։ Ռասպուտինի մահը հետապնդում էր ինձ։ Նախ նրան հետապնդում էին թունավորված թխվածքաբլիթներով ու գինով, իսկ երբ նա էլի թխվածքաբլիթ պահանջեց, գնդակահարեցին ատրճանակներով, իսկ երբ կրծքում հայտնված արճիճը նրա մոտ պարելու ցանկություն առաջ բերեց, կապկապեցին ու ջրահեղձ արեցին Նևայի վրա բացած սառցանքի մեջ։ Այդ ամենը արեցին տղամարդիկ, սպաները։ Մայրաքաղաք Պետերբուրգի կանայք ոչ մի դեպքում Ռասպուտինին թունավորված թխվածքաբլիթներ չէին տա, դրա փոխարեն, եթե չհաշվենք թխվածքաբլիթները, նրան կտային այն ամենը, ինչը նա իրենցից պահանջեր։ Կանայք հավատում էին նրան, այն դեպքում, երբ սպաներին անհրաժեշտ էր սկզբում նրան հեռացնել ճանապարհից, որպեսզի կրկին կարողանային իրենք իրենց հավատալ։

Արդյո՞ք պետք է զարմանալ, որ ոչ միայն ես հետաքրքրվեցի ատլետիկ կազմվածքով այդ հեքիմի կյանքով ու մահվամբ։ Գրեթխենն ինքը ահա կրկին գտավ ամուսնական առաջին տարիների՝ դեպի ընթերցանություն տանող ճանապարհը․ բարձրաձայն կարդալով, նա ընկնում էր կրքոտ հույզերի մեջ, հանդիպելով «օրգիա» բառին, դողդողում էր, «օրգիա» կախարդական բառը արտասանում էր առանձնահատուկ հնչեղությամբ, իսկ արտասանելուց հետո դառնում էր օրգիային լիովին պատրաստ, բայցևայնպես ասելով «օրգիա» բառը, չէր կարողանում իրեն պատկերացնել օրգիան։

Երբ Քլայնհամմերվիգում հայտնվեց մայրս, որպեսզի ներկա գտնվի փռի տակ գտնվող բնակարանի իմ պարապմունքներին, վիճակը ավելի վատ եղավ։ Ահա հենց դա էր, որ երբեմն վեր էր ածվում օրգիայի, դա էր, որ դառնում էր ինքնանպատակ, այլ ոչ թե փոքրիկ Օսկարի հետ պարապմունքները, դրանից էին չորանում ու ճաքճքում շուրթերը։ Դա էր երկու ամուսնացած կանանց ստիպում, բավական էր, որ Ռասպուտինը այն կամենար, նստել միմյանց ավելի մոտ, դա էր նրանց ստիպում անհանգիստ շուռ ու մուռ գալ բազմոցի բարձիկների վրա, հուշում֊հանգեցնում էր զիստերը ավելի ամուր սեղմելու մտքին։ Սկզբնական չարաճճիությունը վեր էր ածվում ավարտական տնքոցների, ահա թե ինչ ստացվեց Ռասպուտինի տասներկու էջերի ընթերցումից հետո, ինչը, հնարավոր է, որ նրանք ամենևին էլ չէին ուզում և դժվար թե սպասում էին, սակայն ընդունում էին օրը ցերեկով անտրտունջ, և Ռասպուտինը, իհարկե, դրան չէր ընդդիմանա, այլ հավերժ կկիսեր նրանց ոգևորությունը։

Վերջին մոտ, երբ երկու կանայք արդեն ավարտել էին տնքալով «օ, Աստված, Աստված, Աստված» ասելը և շփոթված ուղղում էին գզգզված սանրվածքները, մայրիկս արտահայտեց իրեն համակած կասկածանքները․

― Փոքրիկ Օսկարը իսկապե՞ս ոչինչ չի հասկանում։

― Ախր որտեղի՞ց հասկանա, ― հանգստացրեց նրան Գրեթխենը, ― ես այսպես էլ, այնպես էլ ձգտում եմ, իսկ նա ոչինչ չի սովորում, և ես վախենում եմ, որ նա կարդալ ևս երբեք չի սովորի։

Որպեսզի մեկ ավելորդ անգամ ևս իմ ոչնչով կործանվող անտեղյակությունը ապացուցի, նա ասածին ավելացրեց․

― Ագնես, դու միայն տես, նա պոկում է մեր «Ռասպուտինի» էջերը, գնդիկների է վերածում, իսկ հետո դրանք ինչ֊որ տեղ են անհետանում։ Երբերմն ինձ մոտ այս ամենը թողնելու ցանկություն է առաջանում, սակայն հետո, երբ տեսնում եմ, թե նա ինչպես է ուրախանում այդ գրքի համար, ես չեմ խանգարում, որպեսզի նա պատռի ու փչացնի։ Ես Ալեքսին էլ եմ արդեն ասել, որ նա Ծննդյան տոներին մեզ նոր «Ռասպուտին» նվիրի։

Այսպիսով ինձ հաջողվեց (և դուք հաստատ արդեն դա նկատեցիք) կամաց֊կամաց, երեք֊չորս տարվա ընթացքում, ինչ Գրեթխենը պարապում էր ինձ հետ, «Ռասպուտինի» միջից զգուշորեն հանել էջերի կեսից ոչ պակաս, ընդ որում ափսոսանքի նշաններ ցուցադրելով, դրանք կոլոլելով գնդիկներ դարձնել, որպեսզի ավելի ուշ՝ տանը, իմ թմբուկային անկյունում, թերթերը հանեի պուլովերիս տակից, հարթեի, հերթականությամբ շարեի, իսկ արդեն ավելի ուշ, օգտագործեի գաղտնի՝ կանանց կողմից չխախտվող, ընթերցանության համար։ Ճիշտ նույն կերպ էլ ես վարվեցի Գյոթեի հետ, որը ամեն չորրորդ դասի ժամանակ «Գյոթե» գոռալով պահանջում էի Գրեթխենից։ Ես չէի ուզում հույսս միայն Ռասպուտինի վրա դնել, քանզի շատ շուտով հասկացա, որ յուրաքանչյուր Ռասպուտինի այս աշխարհում հակադրվում է իր Գյոթեն, որ Ռասպուտինը իր ետևից բերում է Գյոթեին կամ Գյոթեն՝ Ռասպուտինին և ոչ թե ուղղակի բերում, այլ՝ եթե հարկ է լինում, նաև կերտում է, որպեսզի հետո նրան պատժի ենթարկի։

Երբ Օսկարը տեղավորվում էր ինչ֊որ տեղ՝ ձեղնահարկում կամ ծեր պարոն Հայլանդի մառանում, հեծանիվների համար կառուցված սյուների ետևում, և «Ընտրովի ազգակցության» էջերը խառնում էր «Ռասպուտինի» տուփի հետ, խաղաթղթեր խառնելու նման, նա անընդհատ մեծացող, սակայն միաժամանակ ծիծաղկոտ զարմանքով կրկին անգամ ընթերցում էր նորովի առաջացած գիրքը ու տեսնում, թե ինչպես է Օթիլիան, Ռասպուտինի թևը մտած, համաչափ քայլում միջին գերմանական այգիների միջով, այն ժամանակ, երբ չլսված նրբաբարոյության տեր Գյոթեն, Օլգայի հետ սահնակների վրա նստած, սլանում է Պետերբուրգով մի օրգիայից դեպի մյուսը։

Սակայն նորից վերադառնանք Քլայնհամմերվիգ փողոցի իմ դասասենյակը։ Գրեթխենը, որպես միանգամայն երիտասարդ տիկին, ուրախ էր ինձ համար, չնայած արտաքնապես կարծես թե որևէ հաջողության չէի հասնում։ Նա նկատելիորեն փթթում էր ոչ միայն իմ ներկայությունից, այլև ռուս հրաշագործի օրհնող, անտեսանելի, թող որ մազապատ ձեռքով, վարակելով նույնիսկ տնային մատղաշ լորենիներին ու կակտուսներին։ Այ թե այդ տարիներին Շեֆլերը կռահեր գոնե մեկ անգամ ձեռքերը դուրս հանել խմորի միջից և փռի բուլկիները փոխանակեր մի բացարձակապես այլ բուլկու հետ։ Գրեթխենը հաճույքով թույլ կտար, որ նա իրեն հունցի, գրտնակի, վրձինով թրջի ու թխի։ Դե գնա ու իմացիր, թե ինչ կաթնահունց բլիթ դուրս կգար այդ վառարանից։ Միգուցե վերջ ի վերջո նաև երեխանե՞ր։ Տեսնում է Աստված, որ Գրեթխենը լիովին արժանի էր նման թխված ուրախությունների։ Իսկ ինչպես էր նա տեքստի վրա հոգնեցուցիչ աշխատանքից հետո այրվող աչքերով թեթևակի խռնված սանրվածքով, նստում ցուցադրելով իր ձիու ոսկե ատամները, շարունակ կրկնում․ «Օ, Աստված իմ, օ․ Աստված իմ», սակայն կծելու ոչինչ չուներ, և խոսքը դառնում էր առաջիկա թթխմորի շուրջ։ Մայրիկս, որի մոտ էր իր Յանը, ոչնչով օգնել չէր կարող, և այդ իսկ պատճառով պարապմունքների նշված մասից հետո եկող րոպեները կարող էին ավարտվել ամենաողբալի եղանակաով, եթե Գրեթխենը ուրախ բնավորության տեր չլիներ։

Արագ խոհանոց վազելով, նա բերում էր սրճաղացը, գրկում այն, ինչպես սիրեկանին և, աղալով սուրճը, մորս աջակցությամբ վշտալի կրքով երգում «Սև աչքերը» կամ «Կարմիր սառաֆանը»։ «Սև աչքերը» իր ետևից տանում էր խոհանոց, ջուրը դնում էր կրակի վրա, և մինչ այն տաքանում էր, վազում էր փուռ, այնտեղից վերցնում հին ու նոր թխված խմորեղեն, երբեմն Շեֆլերի բողոքների ներքո, սեղանին էր դնում ծաղկանման հավաքովի բաժակները, շաքարամանը, թխվածքաբլիթների համար նախատեսված պատառաքաղները, դրանց միջև սփռոցին շաղ էր տալիս վառ մանուշակի թերթիկները։ Այնուհետև սուրճ էր լցնում, անցում էր կատարում դեպի «Արքայազնից» վերցված մեղեդիները, էկլերներ ու մեղրաբլիթներ էր մատուցում, սկսում էր երգել «Կանգնած է զինվորը Վոլգայի ափին» մեղեդին՝ ափսեների մեջ տեղավորելով վրան քաղցր նուշի փշուրներ ցանած ֆրանկֆուրտյան ոլորաբլիթը, իսկ «Շատ կան արդյոք այնտեղ քեզ մոտ հրեշտակիկներ» երգի ներքո հարած սերուցքով շատ քաղցր, չափից դուրս քաղցր բեզե։ Ծամելով կրկին խոսակցություն էր սկսում Ռասպուտինի մասին, միայն թե այժմ արդեն անհրաժեշտ զսպվածություն պահպանելով և, թխվածքաբլիթներով փորը լցնելուց հետո, անկեղծ սրտով զայրանում այդ զարհուրելի, այդ արատավոր թագավորին փախարինողի վրա։

Իրոք, ես այդ տարիներին չափից դուրս շատ թխվածքաբլիթներ էի կլանում։ Ինչպես կարելի է դատել լուսանկարներից՝ չնայած դրանից Օսկարը ավելի բարձր չդարձավ, սակայն դրա փոխարեն դարձավ ավելի գեր ու տձև։ Հաճախ Քլայնհամմերվիգի փողոցի արդեն չափից դուրս քաղցրացված դասերից հետո նա չէր տեսնում այլ ելք, քան Լաբեսվեգի փողոցի վաճառասեղանի ետևից վերցնել, եթե իհարկե, Մացերատը մոտակայքում չէր, չոր հացի մի կտոր, այն թելով կապել, իջեցնել նորվեգական ձկով տակառիկի մեջ և դուրս հանել, երբ հացը ամբողջովին կներծծվեր աղաջրով։ Թերևս դուք չեք հավատա, որ թխվածքաբլիթների չափից դուրս օգտագործումից հետո այդ սառը խորտիկը գործում էր որպես ետ տալու միջոց։ Նիհարելու համար երբեմն Օսկարը մեր զուգարանում իր միջից դուրս էր մղում դանցինգյան գուլդենից ավելի արժեցող Շեֆլեր թխվածքաբլիթներ, իսկ այն ժամանակ դա քիչ փողեր չէին։

Եվ էլի մեկ բանով էի ես պարտական Գրեթխենի դասերին։ Նա, որ այդքան հաճույքով էր կարում ու գործում մանկական իրերը, ինձ դերձակի մանեկենի էր վերածել, ես պարտավոր էի վրաս փորձել ու կրել կոստյումներ, գլխարկներ, փոքրիկ շալվարներ, գլխանոցով ու առանց գլխանոցի վերարկուներ՝ ցանկացած ոճի ու ցանկացած գույնի։

Արդեն չգիտեմ էլ, թե հատկապես ով՝ մայրի՞կս, թե Գրեթխենը, կորոշի ութամյակիս պատվին ինձ հագցնել գնդակահարման դատապարտված փոքրիկ արքայազնի ոճով։ Երկու կանանց Ռասպուտինյան պաշտամունքը այդ ժամանակաշրջանում հասավ իր բարձրակետին։ Այն օրը արված լուսանկարը ցույց է տալիս, թե ինչպես եմ ես ութ չհալված մոմերով զարդարված տոնական թխվածքի կողքին նստել ռուսական ասեղնագործ վերնաշապիկով, կտրիճի պես թեք դրած կազակական գլխարկով, խաչաձևած փամփշտակալներով, սպիտակ գալիֆեով ու կարճ ճտքակոշիկներով։

Մեծ հաջողություն է, որ իմ թմբուկը ևս լուսանկարում հայտնվելու թույլտվություն է ստացել։ Եվս մեկ այլ հաջողություն է այն, որ Գրեթխեն Շեֆլերը, հավանաբար իմ պնդումներին տեղի տալով, կարել և ի վերջո իմ չափերին էր հարմարեցրել մի կոստյում, որը լինելով հավասարապես և՛ քաղքենիական ճաշակների վկայությունը, և՛ «Ընտրովի ազգակցականության» վկայությունը՝ մինչ օրս իր դյութանքներով իմ ալբոմի մեջ արթնացնում է Գյոթեի ոգին և վկայում այն մասին, որ իմ մեջ ապրում են երկու ոգիներ։ Մի խոսքով, ինձ հնարավորություն է տալիս գեթ մեկ֊միակ թմբուկի օգնությամբ Պետերբուրգում ու Վայմարում միաժամանակ վերից վար իջնել և տիկնանց հետ խրախճանքներ կազմակերպել։


Հեռահար երգեցողության հարկաշար աշտարակից

Բժիշկ ֆրոյլայն Հորնշտեթերը, որը գրեթե ամեն օր մտնում է ինձ մոտ, սիգարետ ծխելու, կարծես թե որպես բժիշկ պարտավոր է ինձ բուժել, սակայն դրա փոխարեն ես ինքս եմ նրան բուժում։ Նա սենյակը լքում է ավելի քիչ նյարդայնացած, և այդ բժիշկ ֆրոյլայն Հորնշտեթերը այն աստիճան վախկոտ է, որ միայն իր սիգարետների հետ է ունակ մտնել սերտ շփման մեջ և չի հոգնում կրկնել․ մանկական տարիներից ի վեր ինձ պակասում էին շփումները, ես չափից դուրս քիչ էի խաղում այլ երեխաների հետ։ Դե, ինչ վերաբերում է այլ երեխաներին, նա թերևս այնքան էլ սխալ չէ։ Սակայն Գրեթխեն Շեֆլերի հետ պարապմունքները այնքան էին կլանել, այնքան էին բզկտել Գյոթեի ու Ռասպուտինի միջև, որ ես իմ ողջ ցանկությամբ հանդերձ չէի կարողանա ժամանակ ընտրել հաշվեփայտիկների ու երգչախմբով երգելու համար։ Իսկ ամեն անգամ երբ ես, իսկական գիտնականի պես, երես էի թեքում գիտությունից, անիծում էի գրքերը որպես տառերի գերեզմանատներ և հասարակ ժողովրդի հետ շփման կետեր էի փնտրում։ Ես հանդիմանում էի մեր տան երեխաներին և այդ մարդակերների հետ մի քանի շփումներից հետո շատ ուրախ էի լինում իմ գրքերին ողջ ու անվնաս վերադառնալուս համար։

Իր ծնողների բնակարանը Օսկարը կարող էր լքել կամ կրպակի միջով, այդ դեպքում նա հայտնվում է Լաբեսվեգ փողոցում, կամ կարող էր իր ետևից շրխկացնել բնակարանի դուռը և հայտնվել մուտքում, որտեղից ձախով դուրս կգար ուղիղ փողոց կամ չորս հարկերը բարձրանալով անցնելով, հասնել ձեղնահարկ, որտեղ բնակվում էր երաժիշտ Մայնը և, վերջապես, վերջին հնարավորությունը ընձեռում էր մեր տան բակը։ Փողոցը՝ դե դա գլաքար էր․․․ Բակի տոփանված ավազի վրա թափ էին տրվում գորգեր և բազմանում էին ճագարները։ Ձեղնահարկը քեֆը լավ պարոն Մայնի հետ զուգանվագից զատ, առաջարկում էր տեսարան պատուհանից, հեռավոր բնապատկեր և ազատության այն չքնաղ, սակայն խաբուսիկ զգացումը, որը փնտրում են բոլորը, ովքեր բարձրանում են աշտարակի վրա, և որը ձեղնահարկի բնակիչներին վեր է ածում երազողների։

Եթե Օսկարի համար բակը լի էր վտանգներով, ապա ձեղնահարկը նրան խոստանում էր հուսալիություն, այնքան ժամանակ, քանի դեռ Ակսել Միշքեն իր խմբով դուրս չէր մղել նրան նաև ձեղնահարկից։ Իր լայնությամբ բակը համընկնում էր տան հետ, սակայն խորությամբ հավասար էր յոթ քայլի, ինչից հետո ցանկապատի վերևում սերտաճած սուր, ձյութապատ փշալարով դեմ էր առնում երեք այլ բակերի։ Այդ ողջ լաբիրինթոսը ձեղնահարկից դիտվում էր ինչպես ափի մեջ․ Լաբսվեգի կողքերով տներ, լայնակի հատող փողոցների վրա՝ Հերթաշթրասե և Լուիզենշթրասե և դրանից այն կողմ Մարթաշթրասեի երկայնքով, եզրափակում էր շատ լայնատարած բակերից բաղկացած քառանկյունին։Այդտեղ, ի թիվս այլոց, տեղակայված էին էլի մեկ ֆաբրիկա, որը հազի դեմ պաստեղներ էր արտադրում, և մի քանի խոտավերամշակող արտադրամասեր։ Այստեղ ու այնտեղ բակերից վեր էին բարձրանում ծառեր ու թփեր՝ նշելով տարվա եղանակը։ Չնայած բակերը տարբերվում էին իրենց մեծությամբ, սակայն ինչ վերաբերում է մնացյալին՝ ճագարներին և գորգերը թափ տալու համար սյուներին, բոլորը նման էին միմյանց։ Այնուամենայնիվ, եթե ճագարներին կարելի էր տեսնել կլոր տարի, ապա գորգերը, ընդունված կարգի համաձայն, թափ էին տալիս միայն երեքշաբթի և ուրբաթ օրերին։ Այդ օրերին բակի մեծությունը գտնում էր իր արդարացումը։ Օսկարը կարող էր այս ամենը ձեղնահարկից տեսնել ու լսել․ ավելի քան հարյուր գորգեր, ուղեգորգեր մաքրում էին խոզանակով ու թափ էին տալիս՝ ստիպելով վաղ թե ուշ ցուցադրել իրենց վաղնջական նախշերը։ Հարյուրավոր տնային տնտեսուհիներ տներից դուրս էին բերում գորգերի դիակները, ընդ որում վեր էին բարձրացնում կլոր, մերկ ձեռքերը, հանգույցով կապված գլխաշորերի օգնությամբ պաշտպանում էին մազերն ու սանրվածքները։ Գորգերը գցում էին ձողի վրայով, բռնում էին գործած տապկիչները, և չոր հարվածներով պայթեցնում էին բակերի նեղվածքը։

Օսկարը տանել չէր կարող կարգ ու կանոնին ուղղված այդ համերաշխ օրհներգը։ Նա իր թմբուկի վրա փորձում էր պայքարել աղմուկի դեմ և սակայն ստիպված էր նույնիսկ ձեղնահարկում, որը որոշակի հեռավորություն էր ապահովում, խոստովանել իր անզորությունը տնային տնտեսուհիների առջև։ Հարյուրավոր գորգեր թափ տվող կանայք կարող էին ցած գցել երկինքը, կարող էին բթացնել երիտասարդ ծիծեռնակների թևերը և մի քանի հարվածներով ստիպում էին փլվել ապրիլյան օդում թմբկահարությունից վեր խոյացած Օլիվերի փոքրիկ տաճարին։

Այն օրերին, երբ գորգեր թափ չէին տալիս, մեր տան տղաները պտտվում էին փայտե ձողերի վրա։ Ես հազվադեպ էի դուրս գալիս բակ։ Միայն պարոն Հայլանդի ցախանոցն էր, որ ինձ շատ թե քիչ հուսալի ապաստարան էր տրամադրում, քանզի ծերունին ինձ ներս էր թողնում պահեստանոց, իսկ մնացած երեխաներին թույլ չէր տալիս նույնիսկ հայացք նետել կիսաքայքայված կարի մեքենաների, սպասարկված հեծանիվների, մամլիչների, վերամբարձների, սիգարետների տուփերի մեջ պահվող ծուռ, ուղղման ենթակա մեխերի վրա։ Դա այսպիսի ուսուցում էր․ եթե նա մեխերը տախտակների միջից չէր հանում, ապա զնդանի վրա ուղղում էր մեկ օր առաջ դուրս քաշածները։ Բացի նրանից, որ նա ոչ մի մեխի թույլ չէր տալիս կորչել, նա նաև օգնում էր մարդկանց նոր բնակարաններ տեղափոխվելիս, տոներից առաջ մորթում էր ճագարներին՝ իր թութունե ծամոնը ողջ բակով մեկ դուրս թքելով, աստիճանի վրա և ձեղնահարկում։

Մի անգամ երեխաները, ինչպես դա անում են փոքրերը, նրա ցախանոցի կողքին ապուր էին եփում և Նուխի Էյկեն ծերունուն խնդրեց երեք անգամ թքել եփուկի մեջ։ Ծերունին դա արեց մեծ հեռավորությունից, որից հետո կրկին անհետացավ իր որջում, որտեղ շարունակեց հարվածել մեխերին, իսկ Ակսել Միշքեն ապուրին ավելացրեց ևս մեկ բաղադրիչ՝ ծեծված աղյուս։ Օսկարը հետաքրքրությամբ դիտում էր այդ խոհարարական գործընթացը, սակայն կանգնել էր մի կողմ։ Ակսել Միշքեն ու Հարրի Շլագերը կառուցեցին վրանին նմանվող մի բան, որպեսզի մեծահասկաներից ոչ մեկը չնայեր իրենց ապուրի մեջ։ Երբ աղյուսի փոշին եռաց, Հենսխեն Քոլլինը, դատարկելով իր գրպանները, ապուրի համար զոհեց երկու կենդանի գորտ, որոնց բռնել էր արհեստական լճակից։ Նրանց միջից միակ աղջկա՝ Սյուզի Քատերի բերանը դառը հիասթափությունից ծռվեց, և գորտերը անտրտունջ ու անաղմուկ անհետացան ապուրի մեջ՝ նույնիսկ չփորձելով կատարել վերջին ցատկը։ Այդ ժամանակ Նուխի Էյկեն արձակեց շալվարը ու միզեց եփուկի մեջ՝ հաշվի չառնելով Սյուզիի ներկայությունը, այնուհետև Ակսելը, Հարրին ու Հենսխեն Քոլլին հետևեցին նրա օրինակին։ Փոքրիկ Կեսխենը ևս ուզում էր արժանավայել դրսևորել իրեն տասնամյակների առջև, սակայն նրա պուճուրիկ ծորակից ոչինչ չհոսեց։ Այստեղ բոլորը աչքերը սևեռեցին Սյուզիի վրա, և Ակսել Միշքեն նրան մեկնեց կապույտ, էմալապատ կաթսան, որի եզրերը պոկված էին։ Օսկարը դեռ այն ժամանակ էր ուզում հեռանալ, սակայն չգիտես ինչու սպասեց, մինչև Սյուզին, որը հավանաբար քայլում էր առանց վարտիքի, պպզեց, ձեռքերով գրկելով ծնկները, կաթսան քաշեց իր տակ, դատարկ աչքերը հառեց իր առաջ, կնճռոտեց իր քիթը, և թիթեղյա զնգոցով կաթսան տեղեկացրեց, որ Սյուզին ևս ապուրի մեջ ներդրեց իր լուման։

Եվ հենց այդ ժամանակ ես վազեցի։ Ավելի լավ էր չվազեի, այլ հանգիստ հեռանայի, բայց քանի որ վազեցի, բոլորը, ովքեր մինչ այժմ կանգնել ու աչքերը չռած նայում էին փոքրիկ կաթսային, նայեցին իմ ետևից, և ես իմ թիկունքում լսեցի Սյուզիի ձայնը․ «Այդ ինչո՞ւ նա վազեց, հավանաբար նա ուզում է մեզ դավաճանել»։ Դա խոցում էր ինձ, նույնիսկ, երբ ես հաղթահարեցի բոլոր հինգ հարկերը և շունչ քաշեցի միայն ձեղնահարկում։ Այն ժամանակ ես յոթ ու կես տարեկան էի, իսկ Սյուզին տասը, փոքրիկ Կեսխենի ութը նոր էր լրացել, իսկ Ակսելը, Նուխին, Հենսխենն ու Հարրին տասը֊տասնմեկական տարեկան էին։ Մնաց նաև Մարիա Տրուչինսկին։ Նա ինձանից փոքր֊ինչ տարիքով էր, սակայն երբեք բակում չէր խաղում, այլ տիկնիկ էր խաղում իր մոր՝ ֆրաու Տրուչինսկու խոհանոցում կամ մեծահասակ քրոջ՝ Գուստայի հետ, որը աղախնություն էր անում անգելիստական մանկապարտեզում։

Պե՞տք է արդյոք զարմանալ, որ ես մինչ օրս էլ չեմ կարողանում լսել, թե ինչպես են կանայք միզում գիշերանոցի մեջ։ Երբ այն ժամանակ ձեղնահարկում Օսկարը, թմբուկի օգնությամբ իր լսողությունը հանգստացնելով, երևակայում էր իրեն այդ եփուկից փրկված, նրանք այնտեղ հայտնվեցին բազմությամբ, ոմանք ոտաբոբիկ, ոմանք կոշիկներով, բոլորը, որ իր լուման էր ներդրել ապուրի պատրաստման գործում, իսկ Նուխին բերել էր նաև ապուրը։ Բոլոր նրանք տեղավորվեցին Օսկարի շուրջը, վերջինը սողալով մոտեցավ Կեսխենը։ Նրանք հրում էին մեկը մյուսին՝ շշնջալով․ «Դե՛, սկսի՛ր», ― մինջև ի վերջո Ակսելը ետևից գրկեց Օսկարին, սեմեց նրա ձեռքերը, ստիպելով ենթարկվել, իսկ Սյուզին՝ խոնավ, հավասարաշար ատամներով, ուրախ հռհռում էր՝ տեղի ունեցողից ամենևին չշփոթվելով։ Նա Նուխիից վերցրեց գդալը, փայլելու աստիճան շփեց իր գիստերին, ընկղմեց գոլորշի արձակող փոքրիկ կաթսայի մեջ, դանդաղ խառնեց՝ հաճույքով զգալով եփուկի խտությունը և, ընդ որում, հիշեցնելով լավ տան տիրուհու, փչեց, ցանկանալով սառեցնել լի գդալը, և կերակրեց Օսկարին, կերակրեց ինձ, ես իմ կյանքում այլևս երբեք նման ոչինչ չեմ փորձել և երբեք չեմ մոռանա այդ համը։

Միայն այն բանից հետո, երբ իմ առողջական վիճակով չափից դուրս մտահոգված ժողովուրդը ինձ լքեց, որովհետև Նուխին ետ տվեց ուղիղ կաթսայի մեջ, ես սեղմվելով ձեղնահարկի անկյունին, որտեղ մի քանի սավաններ էին չորանում ես ինձնից դուրս մղեցի այդ կարմրավուն հեղուկը՝ դուրս մղվածի մետ չնկատելով գորտերի մնացորդները։ Այնուհետև ես բարձրացա պատուհանի տակի սնդուկի վրա, նայեցի հեռավոր բակերին, ատամներիս արանքից սրբելով ուղթուսի փշուրները, գործելու պահանջ զգացի։ Նայեցի մարիենշթրասեի տների ապակիներով փայլող պատուհաններին, գոռացի, երգեցի դեպի այն կողմ, և, չնայած չէի կարող դիտել արդյունքները, այնքան համոզված էի իմ ձայնի հեռահար ազդեցության վրա, որ այդ պահից սկսած բակը և բոլոր բակերը ինձ համար դարձան նեղ։ Փափագելով հեռուները, հեռաստաններն ու հեռավոր տեսարանները՝ օգտագործում էի ամեն հնարավորություն, որն ինձ կտաներ՝ ինձ միայն կամ մորս ձեռքը բռնած, դուրս Լաբեսվեգից, մեր բակի խոհարարների բոլոր խարդավանքերից։

Շաբաթվա յուրաքանչյուր հինգշաբթի օրերին մայրս քաղաքում գնումներ էր կատարում։ Առավել հաճախ նա ինձ իր հետ էր վերցնում, երբ նախատեսվում էր ածխի շուկայի Յոգհաուս֊պասաժում Սիգիզմունդ Մարկուսի մոտից թմբուկ գնել։ Այդ ժամանակներում, մոտավորապես իմ կյանքի յոթերորդ ու տասներորդ տարիների մինջև ընկած ժամանակահատվածում, ես թմբուկը ոչնչացնում էի մոտավորապես տասնչորս օրվա ընթացքում։ Տասը֊տասնչորս տարեկան հասակաում ինձնից նույնիսկ մեկ շաբաթ չէր պահանջվում, որպեսզի ծակեմ թիթեղը։ Ավելի ուշ ինձ երբեմն հաջողվում էր թմբուկը անպիտան իր դարձնել առաջին իսկ հարվածով, իսկ երբեմն, երբ հոգիս գտնվում էր հավասարակշռված վիճակում, երեք և նույնիսկ չորս ամիս խնամքով, սակայն և միաժամանակ տքնաջան թմբկահարել իմ թիթեղիկին՝ որևէ վնաս (եթե չհաշվենք լաքի վրա ոչ մեծ ճաքերը) չպատճառելով։

Սակայն խասքը այստեղ ոչ այն ժամանակահատվածի մասին է, երբ ես լքում էի մեր՝ գորգեր թափ տալու համար նախատեսված ձողափայտով, մեխեր ուղղող ծերունի Հայլանդով, ապուրներ հայտնագործող թոկից փախածների բակը, որպեսզի ամեն երկու շաբաթը մեկ մորս ուղեկցությամբ հայտնվեմ Սիգիզմունդ Մարկուսի մոտ և մանկական թմբուկների հարուստ տեսականուց ինձ համար ընտրեմ նորը։ Երբեմն մայրիկս ինձ վերցնում էր իր հետ, երբ դեռ հինը նույնպես պատշաճ տեսք ուներ, և ես այդ այցերով հաճույք էի ստանում Հին քաղաքի խայտաբղետությունից, որը միշտ թանգարան էր հիշեցնում և անպայմանորեն ղողանջեցնում իր զանգերից որևէ մեկը։

Մեր ելքերը մեծամասամբ ընթանում էին հաճելի միանմանության մեջ։ Ինչ֊որ գնումներ Լյայզերի, Շթերնֆելդի կամ Մախվիցի մոտից, այնուհետև Մարկուսի մոտ, որը որպես կանոն, քաղաքավարի նրբաճաշակ ու հաճոյախոսական խոսքեր էր ասում մորս։ Նա ակնհայտորեն սիրահետում էր նրան, սակայն, որքան հիշում եմ, երբեք իրեն թույլ չէր տալիս իր հիացմունքները ավելի կրքոտ ձևով արտահայտել, քան ջերմությամբ բռնելով ոսկե (ինչպես ինքն էր անվանում) ձեռքը, այն անձայն հմբուրելը։ Ոչ մի անգամ, եթե չհաշվենք ծնկի իջնելու այն մեկ դեպքը, որի մասին էլ այժմ կգնա խոսքը։

Կոլյայչեկ տատիկից ժառանգելով լավ ձևած բարեկազմ մարմին և հաճելի թեթևամտություն, որոնք միավորված էին բարեհոգության հետ, մայրս առավել ևս հաճույքով էր ընդունում Սիգիզմունդ Մարկուսի հիացմունքները, քանի որ վերջինս ժամանակ առ ժամանակ մորս ոչ թե մատակարարում, այլ ավելի շուտ անվճար նվիրում էր մետաքսե թելեր կամ հրաշալի գուլպաներ, որոնք նա առիթի դեպքում գնում էր հնոտիների շուկայից։ Էլ չասենք երկու շաբաթը մեկ վաճառասեղանի ետևից մատուցվող թիթեղյա թմբուկների մասին։

Եվ իր յուրաքանչյուր այցի ժամանակ մայրիկս ճիշտ ժամը չորսն անց կեսին Սիգիզմունդից թույլտվություն էր խնդրում Օսկարին նրա խնամքի տակ թողնելու համար, քանի որ ինքը պետք է ևս մի քանի շտապ գործեր կարգավորի։ Մարկուսը մի անհասկանալի քմծիծաղով խոնարհում էր գլուխը և ամենածաղկավոր արտահայտություններով խոստանում էր մորս Օսկարին պահպանել աչքի լույսի պես՝ մինչև որ նա կարգավորեր իր այդքան կարևոր գործերը։ Հազիվ նկատելի, բայց ոչ վիրավորական հեգնանքը, որը նրա խոսքերին առանձնահատուկ երանգ էր հաղորդում, երբեմն մորս ստիպում էր կարմրել ու կասկածել, որ Մարկուսը գիտի, թե ինչ գործեր են դրանք։

Սակայն, ես ևս գիտեի, թե այդ ինչ գործեր էին, որոնք այդքան ջանասիրաբար կարգավորում էր մայրս՝ դրանք կարևոր անվանելով։ Զուր չէր ու սկբզնական շրջանում ինձ թույլ էր տրվում Թիշլերգասե փողոցում գտնվող էժանագին հանրակացարան ուղեկցել մորս, որտեղ նա անհետանում էր աստիճանների մատույցներում և մոտ քառասունհինգ րոպե չէր վերադառնում՝ ինձ ստիպելով իրեն սպասել մշտապես լիկյոր կոնծող տիրուհու կողքին, առանց մի որևէ խոսքի՝ մինչև գրեթե չփոխված մայրս հայտնվում էր իմ առջև և հրաժեշտ տալով աչքերը բաժակից վեր բարձրացնող տիրուհուն, բռնում էր իմ ձեռքից՝ չկռահելով, որ նույնիսկ ձեռքի ջերմաստիճանն է մատնում իրեն։ Այնուհետև ձեռք֊ձեռքի տված մենք գնում էինք Վոլվեբերգասե փողոցի Վայցեկի սրճարանը։ Մայրս իր համար պատվիրում էր մոկկո սուտճ, Օսկարին լիմոնի պաղպաղակ և սպասում, մինչև հանկարծ և կարծես թե պատահմամբ Յանը անցեր կողքով, և նստեր մեր սեղանի մոտ և ճիշտ նույն ձևով պատվիրեր մոկկայի գավաթ և այն դներ սառը մարմարյա սեղանին։

Նրանք խոսում էին իմ ներկայությամբ առանց որևէ ամոթխածության, և նրանց խոսքերը ընդամենը հաստատում էին այն, ինչը ես արդեն վաղուց գիտեի, մայրիկը և Յան մորեղբայրը հանդիպում են գրեթե ամեն հինգշաբթի, Յանի կողմից վարձված Թիշլերգասե փողոցում գտնվող սենյակում, որպեսզի այնտեղ քառասունհինգ րոպե միմյանց հետ մեղք գործեն։ Հնարավոր է, որ Յանը ցանկություն հայտնեց այլևս ինձ Թիշլերգասե, իսկ դրանից հետո Վայցեկի սրճարան չտանել։ Երբեմն նա շատ ամոթխած էր դառնում, առավել ամոթխած, քան մայրս, որը ոչ մի արտասովոր բան չէր տեսնում նրանում, որ ես ակամայից դառնում եմ սիրո նվազող ժամվա ականատեսը, որի օրինականության մեջ նա խորապես համոզված էր նաև հետագայում։

Ահա հենց այդպես ստացվեց, որ ես գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի Յանի ցանկությամբ չորսն անց կեսից մինչև վեցին մոտ ցցված էի մնում Սիգիզմունդ Մարկուսի մոտ և կարող էի զննել նրա թմբուկների տեսականին, կարող էի փորձել, կարող էի միանգամից (իսկ էլ որտեղ էին Օսկարին այդպիսի հնարավորություններ ընձեռում) թմբկահարել մի քանի թմբուկների վրա և ընդ որում նայել Մարկուսի շան պես թախծոտ դեմքին։ Թող որ ես նույնիսկ չգիտեի, թե որտեղից են գալիս նրա մտքերը, դրա փոխարեն կռահում էի, թե ուր են դրանք գնում։ Դրանք գնում էին դեպի Թիշլերգասե, քերվում են այնտեղի համարակալված դռներին կամ աղքատ Ղազարոսի նման, կուչ եկած պառկում էին Վայցեկի սրճարանի մարմարյա սեղանի տակ, սպասելով․․․ բայց ինչի՞։ Սեղանի վրայի փշրանքների՞ն։

Սակայն մայրս ու Յանը փշրանքներ չէին թողնում։ Նրանք ինքներն էին ամեն ինչ մինչև վերջ ուտում։ Նրանք օժտված էին գերազանց ախորժակով, որը հնարավոր չէ հագեցնել, որն ինքն իր պոչն է կծում։

Նրանք այնքան զբաղված էին, որ նույնիսկ սեղանի ետևում նստած Մարկուսի մտքերը կընդունեին որպես թեթև միջանցիկ քամու հոգնեցուցիչ քնքշություն։

Այդպիսի օրերից մի օր, իմ կարծիքով դեպքը տեղի էր ունենում սեպտեմբերին, քանզի մայրիկս Մարկուսի կրպակը լքեց ժանգոտ֊կարմրավուն գույնի աշնանային կոստյումով, ինձ, քանի որ ես գիտեի, որ մառացված, վայր գցված, և հավանաբար կորած Մարկուսը նստած է վաճառասեղանի ետևում, հենց նոր ձեռք բերված թմբուկների հետ դուրս բերեց դեպի Յոյգհաուս֊պասաժ՝ սառը և զովացուցիչ մի թունել, որի երկու կողմերում գտնվող ոսկերչական, նրբահամ կերակուրների նրբաճաշակ խանութները և գրադարանները իրենց ցուցափեղկերով սեղմվել էին միմյանց։ Այնուամենայնիվ, ես չէի ձգվում դեպի ակնհայտորեն էժանագին, սակայն ինձ համար անմատչելի երեսպատված ցուցափեղկերը, ոչ, ես ձգտում էի դուրս գալ թունելից դեպի ածխի շուկա։ Դուրս գալով այդ փոշոտ լույսի տակ՝ ես անշարժացա Յոյգհաուսի ճակատային մասի դիմաց, որի բազալտային գորշությունը գիրուցված էր տարբեր չափերի թնդանոթային արկերով, տարբեր ժամանակների պաշարումներից, այն բանի համար, որպեսզի այդ երկաթյա կիսագնդերը ամեն մի անցորդի հիշողության մեջ արթնացնեն քաղաքի պատմությունը։ Ինձ այդ արկերը ոչինչ չէին ասում՝ չնայած ես գիտեի, որ դրանք պատի մեջ ինքնուրույնաբար չեն ցցված, որ այս քաղաքում կա որմնադիր, որին պահում ու վճարում է վերգետնյա շինարարության վարչությունը հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ, որպեսզի նա անցած դարերի զենքը շարի եկեղեցիների ու քաղաքապետարանների ճակատային մասերի, ինչպես նաև Յոյգհաուսի դիմային ու ետին պատերի մեջ։

Ես ուզում էի գնալ քաղաքային թատրոն, որն իր շքամուտքը ի ցույց էր դրել աջ կողմից, որը Յոյգհաուսից բաժանվում էր նեղ, կիսախավար նրբանցքով։ Քանի որ թատրոնը, ինչպես ես հենց կարծում էի, պարզվեց, որ այդ ժամանակ փակ էր, երեկոյան դրամարկղը բացվում էր միայն ժամը յոթին, ես անվճռականորեն, արդեն իսկ մտածելով նահանջի մասին և թմբկահարելով, սկսեցի տեղափսխվել դեպի ձախ, որտեղ Օսկարը այլևս չէր գտնվի Փուլավոր աշտարակի ու Լանգասեի դարպասների միջև։ Ես չհամարձակվեցի անցենլ Լանգասեի դարպասների միջով, իսկ այնուհետև թեքվել ձախ, դեպի մեծ Վոլվեբերգրասե, որովհետև այնտեղ նստած էին մայրիկս ու Յանը։ Իսկ եթե նույնիսկ դեռ նստած չէին, ապա հնարավոր է, որ արդեն Թիշլերգրասեում գործերը հասցրել էին ավարտել, գտնվում էին դեպի մարմարյա սեղանիկի վրայի թարմացնող մոկկա սուրճի գավաթը տանող ճանապարհին։

Արդեն չեմ հիշում, թե ես ինչպես անցա Ածխի շուկայի բանուկ մասը, որտեղ մշտապես դես ու դեն վազող տրամվայները, ցանկանալով կամ հատել֊անցնել դարպասների միջով, կամ զանգեր հնչեցնելով արդեն դուրս էին գալիս նրանց միջից և շրջադարձերի ժամանակ ճռնչյունով թեքվում էին դեպի Ածխի շուկա, դեպի փայտամթերքի շուկա, Գլխավոր երկաթուղային կայարանի կողմը։ Հավաաբար ինչ֊որ մի մեծահասակ, հնարավոր է ոստիկան, ձեռքիցս բռնեց ու հոգատարությամբ անցկացրեց տրանսպորտային վտանգների միջով։

Ահա և ես կանգնած էի կտրուկ երկնքին դեմ առած աղյուսե աշտարակի դիմաց և, ճիշտ ասած, միայն զուտ պատահականության արդյունքում, ինձ հաղթահարած ձանձրույթի պատճառով թիթեղի փայտիկները մտցրեցի աղյուսների ու դեպի աշտարակը տանող երկաթյա դռան կողասյան արանքը։ Սակայն հայացքս աղյուսների վրայով տանելով դեպի վեր, ես անկարող էի նրան տանել ճակատային մասի երկայնքով, որովհետև աշտարակի ելուստներից ու հրակնատների միջից ժամանակ առ ժամանակ ցած էին թափվում աղավնիները, որպեսզի առանց հապաղելու և իրենց աղավնային ձևով մի կարճ ժամանակ հանգստանան ջրահեռացման փողրակների ու էրկերների վրա, իսկ հետո կրկին, քարի վրայից ցած նետվելով, իմ հայացքը տանեն իրենց ետևից։

Աղավնիների իրարանցումը ինձ ջղայնացնում էր։ Ես չափից դուրս խղճում էի իմ հայացքին և այն շրջեցի մի կողմ ու լրջությամբ, որպեսզի ազատվեի բարկությունից, իմ փայտիկները օգտագործեցի որպես լծակ։ Դուռը ընկրկեց, և Օսկարը, դեռ այն մինչև վերջ բացել չհասցրած, հայտնվեց աշտարակի ներսում, ոլորապտույտ աստիճանների վրա և արդեն բարձրանում էր՝ առաջ մղելով աջ ոտքն ու նրան մոտ ձգելով ձախը, հասավ առաջին ճաղապատված զնդաններին, պտտվելով բարձրացավ վեր։ Ետևում թողնելով խոշտանգումների խուցը, որտեղ տեղավորված էին խնամքով պահպանված և խրատական գրություններով մատակարարված գործիքները, բարձրացավ էլի վեր՝ այժմ քայլելով ձախ ոտքից և վեր ձգելով աջը։ Հայացք նետեց նեղ ճաղապատ պատուհանների միջով, մոտավորապես հաշվարկեց բարձրությունը, գնահատեց քարե պատի հաստությունը, վախեցրեց աղավնիներին, այդ նույն աղավնիներին հանդիպեց աստիճանի հերթական պտույտի մյուս կողմում, կրկին քայլեց աջ ոտքից՝ առաջ ձգելով ձախը և երբ հերթական անգամ փոխեց ոտքը, Օսկարը հայտնվեց վերևում և կարող էր դեռ էլի ու էլի բարձրանալ՝ չնայած թե՛ աջ և թե՛ ձախ ոտքերը զգալիորեն ծանրացել էին։ Սակայն աստիճանն ինքը ժամանակից շուտ հանձնվեց։ Եվ նա հասկացավ աշտարակային ճարտարապետության ամբողջ անիմաստությունն ու անզորությունը։

Չգիտեմ, թե ինչ բարձրություն էր ունեցել, ինչպես նաև ունի, աշտարակը, քանի որ այն վերապրել է պատերազմը։ Ես ցանկություն չունեմ խնդրել Բրունոյին՝ իմ հիվանդապահին, որպեսզի ինձ բերի արևելագերմանական աղյուսե գոթիկայի վերաբերյալ մի որևէ տեղեկատու։ Դե իսկ սրաձողի հետ միասին իր քառասունհինգ մետրերը նա թերևս ուներ։ Ես ստիպված եղա աշտարակը գոտևորող տանիքի վերնասրահի վրա հապաղել, և դրա պատճառը ժամկետից շուտ հոգեմաշ արած աստիճանն էր։ Ես նստեցի, ոտքերս խցկեցի ձևավոր ճաղաշարքի փոքրիկ սյուների միջև, թեքվեցի առաջ ու սյունի կողքով, որին ես փաթաթվեցի աջ ձեռքով, նայեցի ներքև՝ Ածխի շուկային, այն ժամանակ երբ ձախ ձեռքս հավաստիանում էր ինձ հետ ողջ բարձրունքը հաղթահարած թմբուկս տեղում լինելու մեջ։

Ես մտադիր չեմ ձանձրացնել բազմաշտարակ, զանգակներով շչացող հնագույն ու իբր թե մինչ օրս միջնադարյան շունչը պահպանած, հազարավոր լիովին վայելուչ փորագրանկարների վրա պատկերված Դանցիգ քաղաքի՝ թռչունի թռիչքի բարձրությունից արված նկարագրությամբ։ Ես չեմ զբաղվի նաև աղավնիներով, որքան էլ պնդեն, թե իբր աղավնիների մասին գրելը հեշտ է։ Աղավնին անձամբ ինձ ոչինչ չի ասում, թերևս ավելի շուտ՝ ճայը։ «Խաղաղության աղավնի» արտահայտությունը գուցե արդարացի է միայն որպես պարադոքդ։ Խաղաղության բարի լուրը ես ավելի շուտ կվստահեի շահենին կամ էլ երկնաբարձրունքի կռվասեր բնակչին, քան աղավնուն։ Կարճ ասած, Հարկաշար աշտարակի վրա գտնվում էին աղավնիներ։ Սակայն աղավնիներ վերջ ի վերջո կան ցանկացած, շատ թե քիչ կարգին, աշտարակի վրա, որը, հուշարձանների պաշտպանների աջակցությամբ, հետևում է իր արտաքին տեսքին։

Ոչ, իմ հայացքը ուղղված էր այլ բանի վրա․ Քաղաքային թատրոնի վրա, որի դռները ես, դուրս գալով Յոյգհաուզ֊պասաժից, փակ գտա։ Այդ գմբեթով պսակված շինությունը սարսափելի նման էր անհեթեթության աստիճան մեծացրած կլասիցիզմի ոճի սրճաղացի։ Թեև, իհարկե, գմբեթին պակասում էր ձեռքի բռնիչը, որն անհրաժեշտ էր, որպեսզի յուրաքանչյուր երեկո մուսաներով գերլցված տաճարուն աղացվեր հինգակտանոց դրամայի կտորները՝ միմոսների, կուլիսների, հուշարարների, բեմական կահավորանքի ու բոլոր վարագույրների հետ միասին։ Ինձ զայրացնում էր այդ շենքը, որտեղ դեպի մայրամուտ գնացող և ավելի ու ավելի բոսոր ճառագող ետկեսօրյա արևը ոչ մի կերպ չի ցանկանում լքել սյուներով երիզված պատուհանները։

Ածխի շուկայի վերևում, մոտավորապես երեսուն մետր բարձրությամբ, տրամվայների գծերի վերևում, աշխատանքային օրվա ավարտի առթիվ ուրախացած ծառայողների վերևում, Մարկուսի՝ քաղցր բուրող մանրուքի կրպակից վեր, Վայցեկի սրճարանի պաղ մարմարյա սեղանիկի վերևում, խոյանալով երկու մոկկայի գավաթների վրա, մայրիկի և Յանի վրա, ներքևում թողնելով մեր տունը, բակը, բոլոր բակերը, մեխերը՝ ծռվածներն ու ուղիղները, հարևանների երեխաներին՝ իրենց աղյուսից պատրաստված ապուրի հետ միասին, ես (ով մինչ այժմ գոռում էր միայն անհրաժեշտության դեպքում) դարձա առանց պատճառի գոռացող։ Եթե նախքան աշտարակի վրա բարձրանալը ես իմ խոցող ձայնն էի ուղղում բաժակին, լամպին, երկար չբանեցված գարեջրի շշերին, միայն այն ժամանակ, երբ ինձանից փորձում էին խլել թմբուկը, ապա այժմ ես գոռացի աշտարակից՝ չնայած իմ թմբուկն այստեղ ոչ մի կապ չուներ։

Ոչ ոք չէր պատրաստվում Օսկարի ձեռքից խլել թմբուկը, և, այնուամենայնիվ, նա գոռաց, նույնիսկ ոչ այն պատճառով, որ ինչ֊որ մի աղունիկ վերից նրա թմբուկի վրա էր ծրտել, ցանկանալով նրանից գոռոց կորզել։ Ճիշտ է, մոտակայքում պղնձյա թիթեղների վրա փառ էր բռնել, փառ, սակայն ոչ ապակի։ Բայց և այնպես Օսկարը գոռաց։ Ո՞ւր էր նա գոռում, ինչպիսի՞ հեռավորություն էր նրան հրապուրում։ Միգուցե այստեղ սպասվում էր նպատակասլաց վերականգնումը այն ամենի, ինչը ձեղնահարկում՝ աղյուսե ապուրով կերակրելուց հետո, անօգուտ թռավ֊անցավ բակերի վրայով։ Ո՞ր ապակու վրա էր նշան բռնել Օսկարը։ Ո՞ր ապակու վրա (խոսքը կարող էր միայն ապակու մասին լինել) էր ցանկանում փորձարարություն կատարել։

Դա քաղաքային թատրոնն էր, դա դրամատիկական սրճաղացն էր, որ իր մայրամուտե ապակիներով ձգում էր իր նոր ի հայտ եկած, առաջին անգամ մեր ձեղնահարկում փորձարկված, և նույնիսկ կասեի մանյերության գոռգոռոցից հետո, որը սակայն ոչնչի չհանգեցրեց, ինձ հաջողվեց արտաբերել գրեթե անձայն գոռոց, և Օսկարը ուրախությամբ ու դավաճանական հպարտությամբ կարող էր իրեն զեկուցել․ ճեմասրահի բաց պատուհանի երկու միջին ապակիները ստիպված եղան հրաժարվել արևի լույսից և նրա հայացքին ներկայացրին երկու սև, արագ ապակեպատում պահանջող քառանկյունիներ։

Հաջողությունը այժմ պետք է ամրապնդել։ Ես հանդես էի գալիս ժամանակակից նկարչի պես, որը ցուցադրում է իր՝ երկար տարիների փնտրտուկից հետո գտած ոճը՝ ապշած աշխարհին պարգևելով իր հավասարապես չքնաղ, հավասարապես հանդուգն, հավասարազոր, իսկ երբեմն նույնիսկ նաև հավասարամեծ ստեղծագործական ոճի մի ողջ սերիա։

Քառորդ ժամից քիչ ժամանակահատվածում ինձ հաջողվեց ապակիներից զրկել ճեմասրահի բոլոր պատուհանները և դռների մի մասը։ Թատրոնի դիմաց սկսեց հավաքվել անհանգստացած, ինչպես կարելի էր դատել այստեղից նայելով, ամբոխը։ Միշտ էլ բերանբացներ կգտնվեն։ Իմ արվեստի երկրպագուները ինձ այնքան էլ չէին գրավում, մինչդեռ Օսկարին նրանք դրդեցին գործել էլ ավելի խիստ ու էլ ավելի ձևական։ Նոր էի ես մտադրվել ևս մի հանդուգն փորձարարություն կատարել, մերկացնել իրերի ներքին էությունը, իսկ բաց ճեմասրահի միջով, դռների բանալու անցքով դեպի դեռևս մութ հանդիսասրահ ուղարկել մի առանձնահատուկ գոռոց՝ խոցելու համար բոլոր աբոնեմենտ պահողների հպարտությունը՝ իր, հայելային արտացոլումով լույսը բեկող, թատերական ջահը, երբ թատրոնի դիմացի ամբոխի մեջ նկատեցի ժանգակարմրավուն շորը․ դա մայրիկս էր, որը սուրճ խմելով ու Յանին լքելով, Վայցկեի սրճարանից անցնում էր հետադարձ ուղին։

Չի կարելի սակայն չխոստովանել, որ Օսկարը ճոխ ջահին հասցեագրեց իր գոռոցը։ Սակայն դատելով ամեն ինչից, նա այստեղ հաջողություն չունեցավ, քանզի հաջորդ օրը թերթերը տեղեկացրին միայն խորհրդավոր պատճառներով ճեմասրահի պատուհանների ու դռների մասին։ Մամուլի ֆելիետոնյան բաժնի կիսագիտական ու գիտական որոնումները դեռ շատ շաբաթներ սյունակները լրացնում էին անհավանական հիմարություններով։ Այսպես, «Նորագույն լուրերը» բացատրության համար օգտագործում էին տիեզերական ճառագայթների գաղափարը։ Աստղադիտարանից մարդիկ, այլ խոսքերով բարձր որակավորում ունեցող մտավոր աշխատանքի գործիչները, խորհում էին արևի վրայի բծերի մասին։

Այն ողջ արագությամբ, ինչը միայն թույլ էին տալիս իմ կարճ ոտքերը, ես ապարդյուն աստիճաններից գլորվեցի ներքև և, փոքր֊ինչ խեղդվելով, խառնվեցի թատերական շքամուտքի դիմացի ամբոխին։ Մայրիկիս ժանգակարմիր աշնանային լրակազմությունը այլևս ամբոխի միջից չէր փայլում՝ կա֊չկա նա Մարկուսի կրպակում է, հնարավոր է, որ այնտեղ պատմում է այն դժբախտությունների մասին, որոնց մեղավորը իմ ձայնն էր, իսկ Մարկուսը, որը թե՛ իմ ուշացած զարգացումը և թե՛ ձայնիս միջի ալմաստը ընդունում է որպես լիովին բնական մի բան, այժմ երևի շարժում է լեզվի ծայրով և շփում դեղնասպիտակավուն ձեռքերը։

Սակայն կրպակի շեմին իմ հայացքի առջև ներկայացավ այնպիսի տեսարան, որն անմիջապես ինձ ստիպեց մոռանալ հեռավորության վրա ապակի կտրող ձայնի մասին, քանզի Սիգիզմունդ Մարկուսը կանգնած էր մորս առջև, ծնկների վրա և բոլոր շորե գազանները, արջերը, կապիկները, շները, նույնիսկ փակվող աչքերով տիկնիկները, նույնպես և հրշեջ մեքենաները, և ճոճվող ձիուկները, և նրա կրպակը պահպանող բոլոր խեղկատակները թվում էր, թե նույնպես պատրաստ են նրա հետ ընկնել ծնկներին։ Նա երկու ձեռքով սեղմում էր մորս երկու ձեռքերը, ցուցադրելով ափի ետևի մասի շագանակագույն, բաց գույնի աղվամազով ծածկված բծերը և լաց էր լինում։

Մայրիկս ևս ուներ զայրացած իրավիճակին համապատասխանող հայացք։

― Պետք չէ, Մարկուս, ― ասում էր նա, խնդրում եմ, պետք չէ այստեղ կրպակում։

Սակայն Մարկուսը չէր հանգստանում և նրա խոսքերում հնչում էր ինձ համար անմոռանալի, կախարդող և միաժամանակ չափազանցված երանգավորում։

― Այլևս Բրոնսկու հետ դա մի արեք, չէ՞ որ նա աշխատում է Լեհական փոստատանը, Լեհական, դա լավ չի վերջանա, հավատացեք ինձ, որովհետև նա լեհերի հետ է։

Խաղագումար մի դրեք լեհերի վրա, իսկ եթե ուզում եք խաղագումար դնել, դրեք գերմանացիների վրա, քանի որ նրանք արդեն բարձրանում, նրանք արդեն երևում են, իսկ ֆրաու Ագնեսը դեռևս խաղագումար է դնում Բրոնսկու վրա։ Այդ դեպքում դրեք Մացերատի վրա, նա ձեզ մոտ կա, եթե ուզում եք անպատճառ դնել, կամ, եթե, իհարկե, ցանկանաք, դրեք Մարկուսի վրա և եղեք Մարկուսի հետ, որովհետև նա քիչ ժամանակ առաջ կնքվել է։ Կգնանք ձեզ հետ Լոնդոն, ֆրաու Ագնես, ես այնտեղ ունեմ իմ մարդիկ, և կան փաստաթղթեր, եթե միայն ցանկանաք գնալ, իսկ եթե դուք չեք ուզում Մարկուսի հետ, որովհետև նրան արհամարհում եք, դե այն ժամանակ արհամարհեք։ Միայն թե նա ողջ սրտով խնդրում է ձեզ, որպեսզի դուք խաղագումար չդնեք այդ հոգեկան Բրոնսկու վրա, որն այդպես էլ կմնա Լեհական փոստատանը կից, իսկ Լեհաստանի վերջը մոտ է, քանի որ նրանք՝ գերմանացիները շուտով կգան։

Սակայն, հենց որ հնարավորությունների ու անհնարինությունների այդ քանակությամբ ցնցված մայրս ուզում էր լաց լինել, կրպակի դռների մեջ ինձ տեսնելով, Մարկուսը, բաց թողնելով մայրիկիս ձեռքը, իր հինգ բազմանշանակ մատներով ցույց տվեց ինձ։

― Ահա խնդրեմ, նրան մենք ևս կտանենք Լոնդոն, թող այնտեղ արքայազնի պես ապրի, արքայազնի պես։

Այստեղ մայրիկս էլ նայեց ինձ և հազիվ նկատելի ժպտաց։ Միգուցե մտածեց ճեմասրահի դատարկ պատուհանների մասին, իսկ, գուցե, մեկ այլ մայրաքաղաքի՝ Լոնդոնի տեսարաններն էին նրան ուրախացրել։ Սակայն, ի մեծ զարմանք ինձ, նա շարժեց գլուխը ու անփութորեն, կարծես հրաժարվելով պարի հրավերից, ասաց․

― Շնորհակալություն ձեզ, Մարկուս, սակայն իրականում մեզ մոտ ոչինչ չի ստացվի Բրոնսկու պատճառով։

Մորեղբորս անունը որպես ազդանշան ընկալելով՝ Մարկուսը արագ վեր բարձրացավ ծնկներից, դանակի պես ծալվեց և խոնարհվելով արտաբերեց․

― Դուք եք խնդրել Մարկուսի վրա չբարկանալ, ես այդպես էլ կարծում էի, որ դուք նրա պատճառով չեք ուզում։

Երբ մենք դուրս եկանք պասաժի կրպակից, Մարկուսը, չնայած ժամանակը դեռ չէր եկել, դրսից այն փակեց և ուղեկցեց մեզ մինչև հինգերորդ տրամվայի կանգառը։ Քաղաքային թատրոնի շենքի դիմաց մինչև այժմ կանգնած էին անցորդները և մի քանի ոստիկան։ Սակայն ես չէի վախենում և գրեթե չէի հիշում ապակու հանդեպ իմ հաղթանակի մասին։ Թեքվելով իմ կողմը՝ Մարկուսը ավելի շուտ իր, քան մեզ համար շշնջաց․

― Մեր Օսկարը ամեն ինչ կարողանում է։ Թմբուկ է խփում և թատրոնի առջև աղմկոտ իրարանցում ստեղծում։

Մորս, որը բեկորներ տեսնելիս նկատելի անհանգստություն էր ցուցաբերում, նա ձեռքի շարժումով հանգստացրեց, իսկ երբ եկավ տրամվայը, և մենք նստեցինք կցորդ վագոնի մեջ, նա ցածրաձայն, կարծես օտար ականջներից վախենալով, կրկին ներողություն խնդրեց․

― Դե լավ, ինչ արած, մնացեք Մացերատի հետ, որին դուք ունեք, իսկ Լեհաստանի վրա այլևս մի դրեք․․․

Երբ այսօր իր մետաղյա մահճակալի մեջ պառկած կամ նստած, սակայն թմբուկը ևս ցանկացած այդ դիրքերից մեկում էր, Օսկարը կրկին փնտրում է դեպի Յոյգհաուս֊պասաժ տանող ուղին, դեպի Հարկաշարք աշտարակի զնդանների պատերի վրայի խզբզոցները, դեպի բուն աշտարակի՝ յուղով պատված խոշտանգումների գործիքները, դեպի քաղաքային թատրոնի ճեմասրահի սյուների ետևի երեք պատուհանները և կրկին դեպի Յոյգհաուս֊պասաժ ու Սիգիզմունդ Մարկուսի կրպակը։ Եվ որպեսզի կարողանա ճիշտ վերարտադրել այն սեպտեմբերյան օրվա առանձին դրվագները, նա ստիպված էր միաժամանակ փնտրել լեհերի երկիրը։ Չնայած ինչո՞վ է նա այն փնտրում։ Դե իհարկե, իր թմբուկի փայտիկներով։ Նա այն փնտրում է զգայության օրգաններով՝ սակայն չէ՞ որ հոգին օրգան չէ։

Ես էլ փնտրում եմ լեհերի երկիրը, որը «կործանվել է»։ Այստեղ՝ այս երկրում, սկսել են վարկերի, լուսանկարչական ապարատների, կողմնացույցների, ռադարների, կախարդական փայտիկների ու պատգամախմբերի, մարդասիրության, ընդդիմության առաջնորդների և արտաքսվածների միության օգնությամբ, որտեղ մինչև հարմար ժամանակների գալը, ազգային տարազները դարսել են նաֆթալինի մեջ։ Քանի որ այստեղ՝ այս երկրում, լեհերի երկիրը հոգով են փնտրում կիսով չափ Շոպենին ունենալով սրտերում, կիսով չափ փոխհատուցման գաղափարներով, քանի դեռ նրանք խաչը դնում են Լեհաստանի չորս բաժինների վրա և նույնիսկ խորհում հինգերորդը, քանի դեռ նրանք Վարշավա են թռչում «Էյր Ֆրանսի» ինքնաթիռներով և ափսոսանք են հայտնում՝ ծաղկեպսակ դնելով այն տեղում, որտեղ երբեք Վարշավան առանձնաթաղ չի եղել։ Քանի դեռ այս երկրում մտադիր են լեհերի երկիրը փնտրել ինքնաթիռների օգնությամբ, ես Լեհաստանը փնտրում եմ իմ թմբուկի վրա ու թմբկահարում եմ՝ կործանվել է, դեռ չի կործանվել, կրկին է կործանվել, հանուն ում է կործանվել, շուտով կկործանվի, արդեն կործանվել է։ Լեհաստանը կործանվել է, ամեն ինչն է կործանվել․ «Լեհաստանը դեռ չի կործանվել»։

Տրիբունա

Մեր Քաղաքային թատրոնի ճեմասրահի ապակիները երգի միջոցով կտրատելով, ես փնտրում էի և առաջին անգամ ձեռք բերեցի բեմական արվեստի հետ շփում։ Չնայած այն հանգամանքին, որ մորս ուշադրությունը ամբողջապես ուղղված էր Մարկուսին, նա ակնհայտորեն կռահեց թատրոնի հետ իմ անմիջական հարաբերության մասին, որովհետև մոտակա Ծննդյան տոներից առաջ չորս տոմս գնեց՝ Ստեֆանի, Մարգա Բրոնսկու, ինչպես նաև Օսկարի համար և Ծննդյան տոներից առաջ վերջին կիրակի օրը մեզ երեքիս տարավ ծննդյան հեքիաթի ներկայացմանը։ Երկրորդ հարկաշարք, առաջին կողային շարք։ Պարտերի վերևում կախաված ճոխ ջահը ճգնում էր ողջ կարողությամբ, և ես ուրախ էի, որ աշտարակի իմ երգով այն չեմ սղոցել։

Արդեն այն ժամանակներում երեխաները չափից դուրս շատ էին։ Հարկաշարքերի վրա նրանց թիվը ավելի մեծ էր, քան մայրերինը, այն դեպքում, երբ պարտերում, որտեղ նստած էին ունևոր ու մանկարտադրության հարցում առավել զգուշավոր մարդիկ, երեխաների ու մյուսների հարաբերությունը մոտավորապես կազմում էր մեկը մեկին։ Արի ու տես, թե երեխաները ինչ աստիճան անկարգ են իրենց պահում։ Մարգա Բրոնսկին, որը նստել էր իմ և հաեմատաբար դաստիարակված Ստեֆանի միջև, ներքև սահեց ծալովի նստարանի վրայից, ուզում էր կրկին բարձրանալ։ Այնուհետև նախընտրեց թավալ գալ ճաղաշարի դիմաց, նրա շրջազգեստի փեշը մնաց ծալովի մեխանիզմի մեջ, Մարգան ճչած՝ չնայած մեր շուրջը մնացած կոկորդ պատռողների համեմատությամբ նրա ճիչը հնչում էր լիովին տանելի և ոչ շատ երկար, որովհետև մայրիկը այդ հիմար մանկական բերանը փակեց կոնֆետներով։ Կոնֆետը ծծելով և փափուկ նստատեղի վրա շուռումուռ գալուց ուժասպառ լինելով, Ստեֆանի փոքրիկ քույրիկը ներկայացման սկզբից մի քիչ անց քնեց, իսկ յուրաքանչյուր արարից հետո անհրաժեշտ էր լինում նրան արթնացնել ծափահարությունների համար, որոնց նա տրվում էր ուրախ ջերմեռանդությամբ։

Ներկայացնում էին Մատնաչափիկի մասին հեքիաթը, որն առաջին տեսարանից ինձ գրավեց և, ինչը լիովին հասկանալի է, անձամբ ինձ էր վերաբերում։ Ամեն ինչ արված էր բավականաչափ վարպետորեն։ Մատնաչափիկին ընդհանրապես ցույց չէին տալիս, թույլ էին տալիս միայն նրա ձայնը լսել, իսկ մեծահասակներին ստիպում էին վազել չնայած անտեսանելի, սակայն բավականաչափ ակտիվ զվարճալի հերոսի ետևից։ Ահա նա նստած է ձիու ականջի մեջ, ահա նա հորը թույլ է տալիս իրեն մեծ գումարով վաճառել երկու խաբեբաների, ահա նա չարաճճություն է անում խաբեբաներից մեկի գլխարկի եզրերի վրա, այնուհետև խցկվում է մկան որջիկը, այնուհետև՝ խխունջի տնակը, այնուհետև գործում է գողերի հետ համատեղ, ընկնում խոտի մեջ, իսկ խոտի հետ՝ կովի փորը, սակայն կովը մորթում են, որովհետև նա խոսում է Մատնաչափիկի ձայնով։ Իսկ կովի մսեղիքը, կուլ տված երեխայի հետ, հայտնվում է աղբակույտի վրա, որտեղ նրան կուլ է տալիս գայլը։ Սակայն տղան գիտակից խոսքերով հրապուրելով գայլին՝ բերում է իր հոր տուն, մթերանոց, և այնտեղ, երգ գայլը դեռ միայն պատրաստվում է զբաղվել թալանով, սարսափելի աղմուկ է բարձրանում։ Դե իսկ վերջը հենց այնպիսին է, ինչպես և ընդունված է հեքիաթներում՝ հայրը սպանում է չար գայլին, իսկ մայրը դանակով բացում է բկլիկի փորը։ Մատնաչափիկը ազատ է արձակվում, այլ խոսքերով, լսելի է, թե ինչպես է նա գոռում․ «Ախ, հայրիկ, ես եղա և՛ մկան բնում, և՛ կովի ստամոքսում, և՛ գայլի փորում, իսկ այժմ էլ կմնամ ձեզ մոտ»։

Այդպիսի ավարտը ինձ հուզեց, իսկ հայացք նետելով մորս վրա՝ ես նկատեցի, որ նա դեմքը թաքցրել է թաշկինակի մեջ, որովհետև ինձ նման բեմի վրա խաղարկվող տեսարանը ընկալեց որպես խորապես անձնական ապրում։ Հետագա շաբաթներին մայրիկս դյուրությամբ հասնում է խանդաղատանքի և, քանի դեռ ընթանում էին Ծննդյան տոները, ժամանակ առ ժամանակ սեղմում էր ինձ դեպի իրեն, համբուրում և Օսկարին կես կատակ կես լուրջ անվանում էր իմ Մատնաչափիկ։ Եվ կամ իմ խեղճ Մատնաչափիկ։

Միայն երեսուներեքի ամռանը ինձ երկրորդ անգամ առաջարկեցին արշավ դեպի թատրոն։ Իմ կողմից ստեղծված որոշ թյուրիմացության պատճառով ստացվեց ոչ այնպես, ինչպես պետք է, այնուամենայնիվ նեկայացումը ինձ վրա խոր և երկարատև տպավորություն թողեց։ Դեռ մինչև օրս իմ մեջ ամեն ինչ շչում ու ծածանվում է, քանզի այն պատահեց Սոպոտի Անտառային օպերայում, որտեղ գիշերային բաց երկնքի տակ, ամառվանից ամառ բնությանն էին հաղորդում Վագների երաժշտությունը։

Ընդհանուր առմամբ մայրիկս գնահատում էր օպերաները, իսկ Մացերատը նույնիսկ օպերետներն էր դժվար տանում։ Իհարկե, Յանը կողմնորոշվում էր դեպի մայրս և պաշտում էր մեներգները՝ չնայած իր ողջ երաժշտական արտաքինով հանդերձ բացարձակապես զուրկ էր երաժշտական լսուղությունից՝ հրաշալի ձայներ ընկալելու համար։ Դրա փոխարեն նա անձամբ ծանոթ էր Ֆորմելա եղբայրների հետ, որոնք կարտահուսյան միջնակարգ դպրոցի նրա համադասարանցիներին էին և որոնք այժմ բնակվում էին Սոպոտում, ղեկավարում էին զբոսավայրի խաղատան ու հավաքասրահի շատրվանների լուսավորման գործը, ինչպես նաև լուսավորողներ էին աշխատում Սոպոտի օպերային փառատոնային տոնակատարությունների ժամանակ։

Սոպոտ տանող ճանապարհը անցնում էր Օլիվուով։ Առավոտ պալատական այգում։ Ոսկե ձկնիկներ, կարապներ, մայրիկս, Յանը հանրահայտ Շշուկների քարանձավում։ Հետո կրկին ոսկե ձկնիկներ ու կրկին կարապներ, որոնք սերտորեն համագործակցում էին լուսանկարչի հետ։ Երբ լուսավորում էին, Մացերատը ինձ նստեցրեց իր ուսերին։ Թմբուկը ես դրեցի նրա գլխին, ինչը մշտապես, նույնիսկ այն ժամանակ, երբ լուսանկարը արդեն սոսնձված էր ալբոմի մեջ, համընդհանուր ծիծաղ էր առաջ բերում։ Հրաժեշտ ձկներին, կարապներին, Շշուկների քարանձավին։ Ոչ միայն Պալատական այգում էր կիրակի, այլև պարսպի երկաթյա ճաղավանդակից այն կողմ՝ և՛ Գլետկաուի տրամվայի մեջ, և՛ Գլետկաուի հավաքասրահում, որտեղ մենք ճաշում էինք, մինչ Բալթիկ ծովը անդադար, կարծես այլ զբաղմունք չուներ, առաջարկում էր լող տալ․ հաստատապես ամենուրեք իշխում էր կիրակին։ Երբ զբոսավայրը մեզ դուրս բերեց Սոպոտի մոտ, կիրակին հանդես եկավ ընդդեմ մեզ և Մացերատը ստիպված եղավ առողջարանային հանգանակություն մուծել։

Մենք լողացանք Հարավային լողարանում, մեր ունեցած տեղեկություններով, այնտեղ ավելի ազատ էր, քան Հյուսիսայինում։ Տղամարդիկ հագուստները փոխեցին տղամարդկանց հանդերձարանում, իսկ ինձ մայրիկս մտցրեց կանանցին կից խցիկը և պնդեց, որ ես ընտանեկան լողարանում լողանամ մերկ։ Մինչդեռ ինքը, որ այդ ժամանակ արդեն բավական շուտ էր դուրս եկել իր ափերից, իր մարմնամասերը ընկղմեց ծղոտադեղին լողահագուստի մեջ։ Ես իմ թմբուկով ծածկեցի պատճառական տեղս, որպեսզի իմ մերկությամբ չափից ավելի աչք չծակեմ։ Այնուհետև փորի վրա ընկա ավազին և նախընտրեցի ոչ թե սուզվել հրավիրող ծովային ջրի մեջ, այլ ընդհակառակը, ամոթս թաքցնել ավազի տակ, դավանելով ջայլամի քաղաքականությունը։ Մացերատը, ինչպես և Յանը, երկուսն էլ նախանշվող փորիկներով, այն աստիճան ծիծաղելի և, կարելի է ասել, գրեթե խղճուկ տեսք ունեին, որ ես ուրախացա, երբ օրվա վերջին մոտ նրանք այցելեցին խցիկներ, որտեղ յուրաքանչյուրը քսուկով շփեց իր արևայրուքը, ինչից հետո, ինչպես «Նիվեայի» օծյալներ, մտան իրենց սովորական կիրակնօրյա հագուստի մեջ։

Թխվածքաբլիթով սուրճ՝ «Ծովային աստղում»։ Մայրիկս ցանկություն հայտնեց ստանալ հինգհարկանի տորթի ևս մեկ՝ երրորդ չափաբաժինը։ Մացերատը դեմ էր, Յանը միանգամից և՛ կողմ, և՛ դեմ։ Մայրս պատվիրեց, մի կտորը տվեց Մացերատին, մի փոքր կտոր բաժին հանեց Յանին՝ մի խոսքով սիրաշահեց երկու տղամարդկանց, և դրանից հետո միայն գդալ գդալլի ետևից իր ստամոքս մտցրեց չափից ավելի քաղցր սեպը։

Օ, դու, սրբազան յուղե կրեմ, դու շաքարափոշիով պատված, դու, պարզկա, ժամանակ առ ժամանակ, փոքր ամպամածությամբ, կիրակի օր։ Կապույտ արևային ակնոցով լեհական ազնվականությունը նստել էր թունդ լիմոնադի դիմաց, որին մայրս չդիպավ։ Տիկնայք մերթ֊մերթ խաղում էին մանուշակագույն նարգիզներով և ծովային քամու միջնորդությամբ հյուրասիրում էին մեզ նավթալինի հոտով, որը հասնում էր մորթե թիկնոցներից, որոնք, պետք է կարծել, վերցված էին վարձույթով՝ եղանակին համապատսխան։ Մացերատը դա համարեց հիմարավուն ծամածռություն։ Մայրս էլ թերևս չէր հրաժարվի գոնե կես օրով նման ցնցուղով թիկնոց վերցնել։ Յանը պնդում էր, թե իբր ձանձրույթը, որը տիրել էր լեհական ազնվականությանը, այժմ այնպիսի ծաղկման էր հասել, որ, չնայած պարտքերի անկասեցնելի աճին, նա այլևս ուժ չի գործադրում ֆրանսերեն խոսելու համար, և լոկ նորաձևամոլությունից դրդված է բացարձակապես լեհերեն խոսում։

Սակայն չէր կարելի այդպես նստել «Ծովային աստղում» մինչև դարի ավարտը՝ գաղտագողի դիտահայելով լեհ ազնվականության մանուշակագույն եղունգները և կապույտ ակնոցները։ Տորթով լցված մայրիկս տենչում էր շարժում, և ծովափնյա այգին մեզ իր գիրկն առավ, ես ստիպված եղա ավանակի վրա նստած շրջել և կանգ առնել հերթական նկարի համար։ Ոսկե ձկնիկներ, կարապներ, ինչ ասես որ բնությունը չի հորինի, և կրկին ոսկե ձկնիկներ ու կարապներ, որոնք արժեք են հաղորդում քաղցրահամ ջրին։

Դեղձենիի խուզված թփերի միջև, որն ամենևին էլ չէր շշնջում, ինչպես նրան վերագրում էր ասեկոսեն, մենք հանդիպեցինք Ֆորմելա եղբայրներին, խաղատուն լուսավորող Ֆորմելաներին, Անտառային օպերան լուսավորող Ֆորմելաներին։ Կրտսեր Ֆորմելան պետք է նախ իրենից դուրս մղեր բոլոր անեկդոտները, որոնք կուշտ֊կուշտ լսել է լուսավորողի պաշտոնը զբաղեցնելով։ Ավագ Ֆորմելան այդ բոլոր անեկդոտները գիտեր հինգ մատի պես, սակայն եղբայրական սիրով դրդված անհրաժեշտ տեղերում ծիծաղում էր վարակիչ ծիծաղով, ընդ որում ցուցադրելով մեկ ոսկե ատամով ավելի, քան դրանք ուներ կրտսեր եղբայրը, իսկ կրտսերն ընդամենը երեքն ուներ։ Բոլորը գնացին Շպինգերի մոտ՝ մեկ գավաթ գիհի խմելու։ Սակայն մայրիկս նախընտրեց «Կուրֆյուրստը»։ Հետո առաջվա պես իրենց պահուստների սրախոսություններ շաղ տալով, առատաձեռն կրտսեր Ֆորմելան մեզ հրավիրեց «Թութակում» ընթրելու։ «Թութակում» մենք հանդիպեցինք Տուշելին, իսկ Տուշելին պատկանում էր Սոպոտի կեսը՝ գումարած Անտառային օպերան ու հինգ կինոթատրոնները։ Դրանից զատ նա նաև երկու Ֆորմելա եղբայրների շեֆն էր և շատ ուրախ էր մեզ հետ ծոնոթանալու համար, ինչպես մենք էինք շատ ուրախ նրա հետ ծանոթանալու համար։ Տուշելը առանց հոգնելու պտտում էր իր մատի մատանին, սակայն դժվար թե դա ցանկությունների մատանի կամ կախարդական մատանի լիներ, քանի որ բացարձակապես ոչինչ տեղի չունեցավ, եթե իհարկե չհաշվենք, որ Տուշելը իր հերթին սկսեց անեկդոտներ պատմել, և ոչ թե մի ինչ֊որ, այլ հատկապես նրանք, որոնք մեզ արդեն պատմել էր Ֆորմելան, միայն թե ոսկե ատամների պատճառով ավելի մանրամասն։ Բայց և այնպես ողջ սեղանը հռհռում էր, քանի որ պատմողը Տուշելն էր։ Միայն ես էի ինձ լուրջ պահում՝ ձգտելով իմ լուրջ տեսքով չեզոքացնել անեկդոտի աղը։ Ախ, այդ անկյունում, որտեղ մենք ճաշում էինք, ինչպիսի հարմարավետություն էին ստեղծում այդ, թեկուզ և ոչ լիովին անկեղծ, ծիծաղի պայթյունները կլոր հաստացված ապակիների հետ մեկտեղ։ Եվ Տուշելը կարողացավ ապացուցել իր երախտագիտությունը․ անեկդոտ պատմելը շարունակելով՝ նա կարգադրեց «Ոսկե լիկյոր» մատուցել, իսկ ծիծաղի ալիքների ու լիկյորի փայլի մեջ լողալով, ուրախությունից հանկարծ այլ ձևով պտտեց մատանին։ Եվ հենց այստեղ իսկապես ինչ֊որ բան տեղի ունեցավ։

Տուշելը մեզ բոլորիս հրավիրեց Անտառային օպերա, դե, քանի որ նրան է պատկանում օպերայի մի մասը, ինքն անձամբ, ճիշտ է, ցավոք սրտի, չի կարող, նա հանդիպում ունի և դրա նման մի բան, սակայն նա հուսով է, որ մենք չենք խորշի նրա տեղերից, օթյակը պատված է թավշով, երեխան, եթե հոգնել է, կարող է քնել, և Տուշելը խոսքերը արծաթե մատիտով գրեց Տուշելի այցտետոմսի վրա, այն լայն կբացի ձեր առջև բոլոր դռները, բացատրեց նա՝ պարզվեց, որ նա ճիշտ էր։

Իսկ այն, ինչ եղավ հետո, կարելի է շարադրել մի քանի բառով․ ամառային տաք երեկո, օպերան ամբողջությամբ լեփ լեցուն է օտարերկրացիներով։ Դեռ նախքան ներկայացման սկիզբը, թռան֊եկան մոծակները։ Սակայն միայն վերջին մոծակը, նա ով միշտ վերջինն է թռնում֊գալիս, դա ազնվականություն համարելով, իր արնախում տզզոցով ազդարարեց իր հայտնվելու մասին, և ամեն ինչ սկսվեց միաժամանակ։ Ներկայացնում էին «Թռչող հոլանդացին»։ Այն անտառը, որն օպերային տվել էր «Անտառային» անվանումը, ներկայացվեց ավելի շուտ ոչ թե որպես ծովահենյան նավ, այլ որպես որսագողական։ Նավաստիները երգում էին՝ երգը հասցեագրելով ծառերին, ես քնեցի տուշելյան օթյակի փափուկ նստատեղի վրա, իսկ երբ արթնացա, նավաստիները դեռ շարունակում էին երգել կամ կրկին երգում էին․ «Նավավարը հերթապահության է կանգնել․․․»։ Սակայն այստեղ Օսկարը կրկին քնեց և, ընդ որում, ուրախացավ, որ իր մայրը այդքան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հոլանդացու ճակատագրում և՛ սահում է, կարծես, ալիքների վրա, և՛ արտաշնչում, և՛ ներշնչում է կատարում՝ Վագների հետ միավորվելով։ Նա ամենևին չէր նկատում, որ ձեռքերի ափերով դեմքերը ծածկած Մացերատն ու Յանը արձակում էին տարբեր հաստությունների ծառեր կտրող սղոցի ձայներ․ մեկի ձայնը ավելի ցածր էր, մյուսինը՝ ավելի բարձր։ Ես ինքս մերթ ընդ մերթ դուրս էի պլստում Վագների ձեռքից, մինչև որ քունը վերջնականապես թափ տվեց Օսկարին, քանզի անտառի մեջ կանգնած էր մի կին ու բարձր գոռում էր հավանաբար այն պատճառով, որ լուսավորողը, իսկ դա պետք է ենթադրել, որ Ֆարմելա եղբայրներից կրտսերն էր, կուրացնում ու զայրացնում էր նրան իր լուսարձակներով։ «Ո՛չ, ― գոռում էր կինը։ «Վա՜յ ինձ», ― գոռում էր կինը, և էլի․ «Ո՞վ ինձ պատճառեց այս չարիքը»։ Սակայն Ֆորմելան, որը հատկապես հենց նա էր, ով կնոջը պատճառում էր այդ չարիքը, մի կողմ չտարավ իր լուսարձակը, և միայնակ կնոջ ճչոցները, որին ավելի ուշ մայրիկս մենակատարուհի անվանեց, վերածվեցին հազվադեպ արծաթե փրփուրներով բլթբլթացող նվնվոցի, որից չնայած ժամանակից շուտ սփրթնեցին սոպոտյան անտառի տերևները, բայց որն այնուամենայնիվ ոչինչ չէր կարողանում անել Ֆորմելայի լուսարձակների հետ։ Չնայած որ զուրկ չէր ուժից, սակայն լուսարձակի դիմաց ձայնը ընկրկեց։ Պահանջվում էր Օսկարի միջամտությունը, որպեսզի նա գտներ լույսի անդաստիրակ աղբյուրը մեկ հեռավոր գոռոցի օգնությամբ (ավելի ցածր գոռոցով, քան մոծակներինը) սպաներ լուսարձակին։

Այն, որ այդ ժամանակ առաջացավ նաև կարճ միացում, խավար, կայծերի սփռում ու անտառային հրդեհ, որը հնարավոր եղավ հանգցնել, հասցրեց առաջ բերել խուճապ, ես բացարձակապես չէի կարող կանխատեսել՝ ախր, ես ինքս հրմշտոցի ժամանակ կորցրեցի ոչ միայն մորս, այլև կոպիտ ձևով արթնացված երկու պատրոններին, դեռ նաև այդ խառնաշփոթի ժամանակ իմ թմբուկը կորավ։ Թատրոնի հետ իմ այս երրորդ հանդիպումը բերեց ինձ 1934 թվին կրկեսի օդի հետ հաղորդակցվելու մտքին։

Օսկարը մտադիր չէր Բուշի կրկեսի վագրերի ու ճարպիկ փոկերի մասին ճառասանություններ անել ճոճաձողի վրայի արծաթյա տիկնանց։ Ոչ ոք գմբեթի տակից չգահավիժեց, վարժեցնողներից ոչ մեկի ոչ մի տեղը չկծեցին, չպոկեցին։ Փոկերը անում էին այն ամենը, ինչ նրանց սովորեցրել էին․ գնդակներով ձեռնածություն էին անում և որպես պարգև, օդից որսում էին կենդանի ծովատառեխներին։ Ես շնորհակալ եմ կրկեսի մանկական ուրախ ներկայացումների և ինձ համար այդչափ կարևոր հանդիպման համար Բեբրայի հետ՝ երաժշտական ծաղրածուի, որը շշերի վրա «Ջիմմի» վագր էր նվագում և ղեկավարում էր թզուկների խումբը։

Նրա հետ մենք հանդիպեցինք գազանանոցում։ Մայրիկս ու նրա երկու տղամարդիկ որոշեցին կապիկի վանդանկի դիմաց ենթարկվել անպատվության։ Հեդվիգ Բրոնսկին, որը նույնպես մտել էր մեր խմբի մեջ, իր երեխաներին ցույց էր տալիս պոնիին։ Այն բանից հետո, երբ առյուծը իմ առջև բացեց իր երախը, ես թեթևամտորեն որոշեցի զբաղվել բվով և փորձեցի հայացքով հաղթել թռչնին։ Սակայն թռչունը ինքը հաղթեց ինձ, և Օսկարը ամոթահար, կարմրած ականջներով, մինչև հոգու խորքը վիրավորված, մտավ ինչ֊որ տեղ՝ սպիտակակապույտ բնակելի բեռնասայլերի արանքը, որովհետև այնտեղ գաճաճներից բացի (դրանք էլ դեռ կապված չէին) այլ գազաններ չկային։ Նա շալվարակալով, տնային կոշիկներով անցավ իմ կողքով՝ դույլով ջուր տանելով։ Մեր հայացքները հպանցիկ հանդիպեցին, և մենք անմիջապես մեկմեկու ճանաչեցինք։ Նա դույլը դրեց գետնին, մեծ գլուխը թեքեց ուսին, մոտեցավ ինձ, և ես մոտավորապես հաշվարկեցի, որ նա մոտ ինը սանտիմետրով ինձնից բարձրահասակ է։

― Դուք միայն տեսեք, ― վերից վար ճռճռաց նա, ― հիմա նույնիսկ երեք տարեկանները չեն ուզում աճել։

Քանի որ ես չէի պատասխանում, նա ձեռնարկեց երկրորդ փորձը․

― Իմ անունը Բեբրա է, ուղիղ գծով ծագել եմ արքայազն Օյգենից, որի հայրը Լյուդովիկոս Տասնչորսերորդն էր, այլ ոչ թե ինչ֊որ սավոյար, ինչպես ասում են։

Եվ քանի որ ես շարունակում էի նույն ձևով լռել, նա երրորդ փորձն արեց․

― Աճս ընդհատեցի ծննդյանս տասներորդ տարեդարձին։ Ուշ էր, իհարկե, արդեն, բայց դե այնուամենայնիվ․․․

Քանի որ նա ինձ հետ այդպես անկեղծ էր, ես ևս ներկայացա, սակայն չսկսեցի ներկայացնել իմ տոհմածառը և պարզապես տվեցի իմ անունը՝ Օսկար։

― Ասեք ինձ, խնդրեմ, իմ թանկագին Օսկար, այժմ դուք պետք է մոտ տասնչորս֊տասնհինգ տարեկան լինեք, իսկ միգուցե և մի ամբողջ տասնվեց։ Ուղղակի հավատս չի գալիս, մի՞թե ընդամենը տասը և կես, ինչպես դուք եք ասում։

Այժմ ես էլ պետք է նրա տարիքը որոշեի և միտումնավոր նվազեցրի։

― Ախր դուք շողոքորդ եք, իմ թանկագին ընկեր։ Երեսունհինգս մնացել է անցյալում։ Օգոստոս ամսին ես տոնեցի իմ հիսուներեքերորդ ծննդայն օրը։ Ես լիովին կարող էի ձեր պապիկը լինել։

Օսկարը նրան մի քանի հարգալից խոսքեր ասաց՝ որպես ծաղրածու նրա կատարած ակրոբատիկ համարների առիթով, գնահատեց նրա երաժշտականությունը և, ենթարկվելով փառասիրության կանչին, ինքը ևս ցուցադրեց մի աճապարություն։ Կրկեսային լուսավորության երեք լամպերը դրա համոզիչ ապացույցը ծառայեցին, ինչից հետո պարոն Բեբրան բացականչեց․ «Բրավո, բրավիսիմո», պատրաստակամություն հայտնեց Օսկարին մտցնել կրկեսախմբի մեջ։

Դեռ մինչ օրս էլ ես ափսոսում եմ, որ նրա առաջակրը չընդունեցի, որ ինչ֊որ պատրվակ գտա ու ասացի․

― Հականո՞ւմ եք, պարոն Բեբրա, ես նախընտրում եմ լինել հանդիսատեսի շարքում՝ իմ համեստ արվեստին գաղտնի ծաղկելու հնարավորություն ընձեռելով, հավանության աղմկոտ ձայներից հեռու, սակայն ես երբեք չեմ լինի նրանց շարքում, ովքեր ձեր ելույթները ծափողջյուններով չեն վարձատրի։ Պարոն Բեբրան բարձրացրեց կնճռոտ ցուցամատը և ինձ կոչ արեց․

― Ամենապատվելի Օսկար, հավատացեք ձեր փորձառու գործընկերոջ խոսքին։ Մեր եղբայրը հանդիսատեսների շարքում լինելու իրավունք չունի։ Մենք պարտավոր ենք լինել բեմի վրա, բաց հարթակի վրա։ Մենք պետք է միջամտենք և որոշենք գործողության ընթացքը, ապա թե ոչ, հանդիսատեսը ինքը կներազդի քո վրա և, ավելի քան հաճույքով, քո հանդեպ ստորություն կկազմակերպի։ Գրեթե ականջիս մեջ մտնելով նա շշնջում էր՝ աչքերին հնագույն տեսք տալով․

― Նրանք կգան։ Նրանք բոլորը կնստեն պատվավոր տեղերում։ Նրանք ջահերով երթ կկազմակերպեն։ Նրանք տրիբունաներ կկանգնեցնեն, նրանք կզբաղեցնեն տրիբունաները և կդնեն ձեր մահվան սկիզբը։ Դուք դեռ կտեսնեք, իմ պատանի ընկեր, թե ինչեր կկատարվեն այդ տրիբունաների վրա։ Դե ուրեմն աշխատեք միշտ նստել նրանց մեջ, ովքեր տրիբունաների վրա են և ոչ մի անգամ նրանց դիմաց մի կանգնեք։

Սակայն այդ պահին, քանի որ ինձ ձայն տվեցին, պարոն Բեբրան վերցրեց դույլը։

― Ձեզ փնտրում են, թանկագին ընկեր։ Բայց մենք դեռ կհանդիպենք։ Մենք չափից դուրս փոքր ենք, որպեսզի կորցնենք միմյանց։

Բեբրան միշտ նույն բանն էր պնդում․ «Մեր ու ձեր նման փոքր մարդիկ տեղ կգտնեն նույնիսկ ամենալեցուն բեմի վրա։ Իսկ եթե ոչ դրա վրա, ապա, այս անգամ հաստատ, նրա տակ, սակայն ոչ մի դեպքում՝ նրա դիմաց։ Դա ձեզ Բեբրան է ասում, ով ուղիղ գծով արքայազն Օյգենից է սերում։

Մայրիկս, որը Օսկար գոռալով դուրս եկավ բեռնասայլի ետևից, դեռ հասցրեց տեսնել, թե ինչպես պարոն Բեբրան համբուրեց ճակատս, այնուհետև վերցրեց իր դույլը և, ուսերով թիավարելով, ուղղվեց դեպի բեռնասայլերը։

― Դուք միայն պատկերացրեք, ― մայրիկս փոքր֊ինչ անց այդպես էր արտահայտում իր վրդովմունքը Մացերատի ու Բրոնսկու ընտանիքի առջև։ ― Նա լիլիպուտների մոտ էր։ Եվ ինչ֊որ մի թզուկ համբուրեց նրա ճակատը։ Հույս ունենանք, որ դա ոչինչ չի նշանակում։

Սակայն Բեբրայի կողմից իմ ճակատի վրա թողած համբյուրը շատ բան էր նշանակում ինձ համար։ Մոտակա տարիների քաղաքական իրադարձությունները հաստատեցին նրա ճշմարտացիությունը․ սկսվեց ջահերով երթերի ու ամբիոնների դիմաց համաքայլ ընթացքի ժամանակը։

Ինչպես ես էի լսել պարոն Բեբրայի խորհուրդները, նույն նմանությամբ մայրիկս էր սրտին մոտ ընդունում առնվազն մի մասը այն նախազգուշացումների, որոնցով նրան ընդելուզում էր Սիգիզմունդ Մարկուսը Յոյգհաուզ֊պասաժում, և որոնք նա անփոփոխ կորցնում էր այն ժամանակվանից ի վեր հինգշաբթի օրերի նրա յուրաքանչյուր այցելության ժամանակ։ Թեկուզ և մայրիկս Մացերատի հետ Լոնդոն չգնաց, անձամբ ես դեմ չէի լինի նման տեղափոխությանը՝ սակայն նա մնաց Մացերատի հետ, իսկ Յան Բրոնսկուն տեսնում էր ոչ այնքան հաճախ՝ Յանի հաշվին Թիշլերգասեում կամ տանը սկատ խաղալիս, ինչի յուրաքանչյուր նոր անգամը Յանի վրա ավելի ու ավելի թանկ էր նստում, քանի որ նա անընդհատ պարտվում էր։ Իսկ Մացերատը, որի վրա մայրիկը խաղագումար էր դրել՝ լսելով Մացերատի խորհուրդը, և ում անունով էլ պահպանել էր իր ներդրումը այն չկրկնապատկելով, հանկարծ հազար ինը հարյուր երեսունչորս թվին, այսինքն՝ համեմատաբար շուտ ճանաչելով օրենքի ուժը, դարձավ կուսակցության անդամ՝ չնայած այնտեղ սկզբնական օղակի ղեկավարից վեր բարձրանալ չկարողացավ։ Աստիճանի բարձրացումը, որը, ինչպես և բոլոր ոչ սովորական իրադարձությունները, առիթ հանդիսացավ խաղաթղթերով հերթական երեկույթի համար։ Մացերատը առաջին անգամ շարադրեց իր նախազգուշացումները, որոնք արդեն բազմիցս արտահայտել էր Յան Բրոնսկին Լեհական փոստատանը նրա գործունեության կապակցությամբ, ավելի խիստ, ինչպես և առավել մտահոգ շեշտադրությամբ։

Իսկ մնացածում արդեն որևիցե շատ թե քիչ նկատելի փոփոխություն տեղի չունեցավ։ Դաշնամուրի վերևի մեխի վրայից հեռացվեց թխպոտ Բեթհովենը՝ Գրեֆի նվերը, և հենց այդ նույն մեխին համընդհանուր զննման համար ամրացվեց Հիտլերը՝ իր ոչ պակաս թխպոտ հայացքով։ Մացերատը, որը առանձնահատուկ սեր չէր տածում լուրջ երաժշտության հանդեպ, հաստատապես մտադրվել էր վատ լսող երգահանին դատապարտել վերջնական արտաքսման։ Սակայն մայրիկս, որը շատ էր գնահատում Բեթհովենի դանդաղկոտ սուր ելևեջները, դրանցից երկուսը կամ երեքը սերտել էր ավելի դանդաղ տեմպով, քան հարկն է։ Եվ ժամանակ առ ժամանակ դրանք կաթիլ առ կաթիլ արտաբերում էր։ Նա պնդեց, որպեսզի Բեթհովենին կախեն այլ տեղում՝ եթե ոչ թախտի վերևում, ապա ծայրահեղ դեպքում գոնե բուֆետի վերևում։ Հաղթեց հնարավոր հակադրություններից առավել մռայլը։ Հիտլերն ու հանճարը այժմ կախված էին դեմ դիմաց, ներթափանց նայում էին իրար, սակայն միմյանց ոչ մի հաճույք չէին պատճառում։

Մացերատը կամաց֊կամաց գնեց֊լրացրեց համազգեստի բոլոր բաղկացուցիչ մասերը։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նա իր ձեռքբերումները սկսեց կուսակցական համազգեստի գլխարկից, որը կրում էր նույնիսկ պարզ եղանակին՝ դունչը հարող գոտին ներքև իջեցնելով։ Որոշ ժամանակ նա այդ գլխարկի հետ հագնում էր սև փողկապով սպիտակ վերնաշապիկ կամ թեթև շապիկ՝ թևքի վրա թևակապով։ Սակայն երբ նա ձեռք բերեց առաջին դարչնագույն վերնաշապիկը, մեկ շաբաթ անց նրա մոտ ցանկություն առաջացավ ունենալ կղանքի գույնի կիսանդրավարտիկ ու երկարաճիտք կոշիկներ։ Մայրիկս ընդդիմացավ դրան և կրկին մեկ ամսից ավելի ժամանակ անցավ, նախքան Մացերատը ի վերջո հավաքեց լրիվ համազգեստը։

Համազգեստի մեջ զուգվելու առիթը գալիս էր շաբաթը մի քանի անգամ, սակայն Մացերատը սահմանափակվում էր միայն մարզադահլիճի կողքին Մայիսյան մարգագետնում կիրակնօրյա ցույցին մասնակցությամբ։ Սակայն այս դեպքում նա կանգնում էր ինչպես ժայռը՝ նույնիսկ ամենազզվելի եղանակին հրաժարվելով վերցնել անձրևանոցը, և մեզ հաճախ էր վիճակվում նրա շուրթերից լսել այն արտահայտությունը, որը նրա համար դարձել էր մշտական․ «Ծառայությունը ծառայություն է, ― ասում էր Մացերատը, ― իսկ օղին՝ օղի», ինչից հետո տապակած միս պատրաստելով, նա ամեն կիրակի առավոտ լքում էր մայրիկիս՝ ինձ դնելով բարդ վիճակի մեջ, քանզի Յան Բրոնսկին, որը կարողանում էր ճիշտ գնահատել կիրակնօրյա քաղաքական իրավիճակը, քաղաքացիական այցելությունների էր գալիս մայրիկիս մոտ, մինչ Մացերատը կանգնած էր շարքում։

Էլ ինչ էր մնում ինձ անել, եթե ոչ անհետանալ աչքից։ Ես թախտի վրայի զույգին ո՛չ ուզում էի խանգարել և ո՛չ էլ հետևել նրանց։ Եվ հենց համազգեստով հանդերձավորված հայրը անհետանում էր տեսադաշտից, իսկ հորիզոնի վրա նշմարվում էր քաղաքացիական անձի այցը, որին ես արդեն այն ժամանակներում անվանում էի իմ ենթադրյալ հայրը, ես ու թմբուկս շարժվում էինք տնից դեպի Մայիսյան մարգագետինը։

Թերևս դուք հարց կտաք, թե ինչո՞ւ անպայման այնտեղ։ Հավատացեք իմ խոսքին, որ կիրակի օրերին նավահանգստում գրեթե ոչինչ տեղի չէր ունենում, անտառային զբոսանքներ նախաձեռնելու համար ինձ պակասում էր համարձակությունը, և Քրիստոսի Սիրտը եկեղեցու ներքին հարդարանքը այն ժամանակ դեռ իմ սրտին ոչինչ չէր ասում։ Ճիշտ է, մնում էին պարոն Գրեֆի սկաուտները, սակայն այնտեղի էրոտիկային գերադասում էի (խոստովանում եմ ազնվորեն) Մայիսյան մարգագետնի ունայնությունը, նույնիսկ եթե այդ պատճառով դուք ինձ համախոհ անվանեք։

Այնտեղ ելույթ էին ունենում կա՛մ Գրայզերը, կա՛մ գաղափարախոսության գծով հաուլայթեր[6] Լյոբզակը։ Գրայզերի վրա ես երբեք հաշտուկ ուշադրություն չէի դարձնում, նա չափից դուրս չափավոր էր, և շուտով նրան փոխարինեցին մեկ այլ առավել ճարպիկ Ֆորսթեր անունով բավարացիով, որին էլ դարձրին հաուլայթեր։ Բայց դրա փոխարեն Լյոբզակը այնպիսին էր, որ հենց ինքը կարող էր փոխարինել Ֆորսթերին։ Եթե Լյոբզակը կուզիկ չլիներ, Ֆյուրտիցա եկած այդ տիպին շատ ավելի բարդ կլիներ նավահանգստային քաղաքում հաստատվելը։ Լյոբզակին արժանի գնահատական տալով և նրա կուզի մեջ բարձրագույն զսպվածության նշան տեսնելով՝ կուսակցությունը նրան դարձրեց գաղափարախոսության գծով հաուլայթեր։ Եվ այդ մարդը իր գործը հասկանում էր։ Մինչ Ֆորսթերը կարողանում էր միայն անիմաստ բավարական շեշտադրությամբ գոռալ․ «Դեպի ռայխ», Լյոբզակը մեծ ուշադրություն էր դարձնում մանրամասներին, խոսում էր դանցինգյան հարավգերմաներենի բոլոր բարբառներով, Բոլերմանի ու Վուլսուդսկու մասին անեկդոտներ էր պատմում, գիտեր Շիխաու նավահանգստի բանվորների, Օրի հասարակ ժողովրդի, Էմաուսի, Շիդլիցի, Բյուրգերվիզենի և Պրաուստի հետ խոսելու ձևը։ Ես ուղղակի հաճույք էի զգում՝ լսելով թե ինչպես է այդ մարդը, որի կուզը հատկապես նկատելի էր դառնում զինվորական բլուզի դարչնագույն կտորի տակ, թախծոտ֊գորշ կոմունիստների ու առանձին սոցիալիստների թույլ գոռոցներին պատասխանում։

Լյոբզակը կարողանում էր սրամտել, այդ սրամտությունները նա իր կուզից էր հանում, իսկ իր կուզին անվանում էր անունով, մարդկանց դա միշտ դուր է գալիս։ Լյոբզակը պնդում էր, որ թերևս ավելի շուտ իր կուզը կանհետանա, քան կոմունիստները հաղթանակ կտոնեն։

Սակզբից ևեթ պարզ էր, որ կուզը ոչ մի տեղ չի կորչի, որ կուզը նստած է ամուր, իսկ դա նշանակում էր, որ կուզը ճիշտ է, և նրա հետ միասին ճիշտ է ողջ կուսակցությունը, ինչի հիման վրա կարելի է հետևություն անել, որ կուզը իդեալական հիմք է ցանկացած գաղափարի համար։

Երբ Գրայզերը, Լյոբզակը, իսկ ավելի ուշ՝ Ֆորսթերը, ելույթ էին ունենում, նրանք ամեն անգամ բարձրանում էին ամբիոնների վրա։ Խոսքն այն ամբիոնների մասին է, որոնք ինձ հետ խոսելիս գովաբանում էր փոքրիկ պարոն Բեբրան։ Այդ իսկ պատճառով ես բավական հաճախ, հռետոր Լյոբզակին ընդունում էի՝ տաղանդավոր ու կուզիկ Լյոբզակին, որպիսին էր նա ամբիոնների վրա, որպես Բեբրայի պատվիրակ, որը դարչնագույն համազգեստը հագած՝ պատշտպանում է իր, իսկ ըստ էության, նմանապես նաև իմ գործը։

Ի՞նչ բան են ընդհանրապես տրիբունաները։ Կարևոր չէ, ում համար և ում առջև են դրանք կառուցում, դրանք բոլոր դեպքերում պետք է լինեն համաչափ։ Ահա և մարզադպրոցի դիմացի Մայիսյան մարգագետնի տրիբունաներն էին աչքի ընկնում ընդգծված համաչափությամբ։ Վերևից ներքև կեռախաչով դրոշներ՝ մեկը մյուսի կողքին։ Ավելի ցած՝ դրոշակներ, պատվոդրոշներ ու կայսերական դրոշներ։ Այնուհետև՝ մի շարք չորս էսէսականներ լանջագոտիներով։ Հետո՝ երկու շարք կործանիչներ, որոնք երգելու ու խոսելու ժամանակ ձեռքերը պահում էին գոտու ճարմանդի վրա։ Այնուհետև նստած էին մի քանի շարք կուսակցության անդամներ՝ բոլորը համազգեստներով, ամբիոնի վրա հռետորի թիկունքում, այսինքն՝ այդ նույն պարտայգենոսներն[7] ու ֆյուրերուհիները կանանց կազմակերպությունից՝ դեմքի մայրական արտահայտությամբ, քաղաքացիական հագուստով սենատի ներկայացուցիչները, Ռայխից հյուրերը և ոստիկանապետը կամ նրա տեղակալը։

Տրիբունաների ստորոտը իրենց ներկայությամբ երիտասարդացնում էին հիտլերյուգենդը կամ, ավելի ճիշտ ասած, յունգֆոլկի տարածքային շեփորահարների դասակը։ Որոշ ցույցերի ժամանակ ձախից ու աջից, այսինքն՝ կրկին խիստ համաչափ, տեղավորվում էր խառը երգչախումբը, որը կա՛մ լոզունգներ էր վանկարկում, կա՛մ գովերգում էր այդքան սիրելի բալթյան քամին, որը, եթե հավատանք երգին, ուրիշ բոլոր քամիներից առավել լավ է հարմարեցված դրոշի կարմիր կտորը ծածանելու համար։

Բեբրան, որը համբուրեց իմ ճակատը, նաև ասաց․ «Օսկար, ոչ մի անգամ մի՛ կանգնիր բեմի դիմաց։ Մենք պետք է լինենք բեմի վրա»։

Մեծ մասամբ ինձ հաջողվում էր, կանանց կազմակերպությունների ղեկավարության միջև տեղ գտնել։ Կանայք ցույցերի ժամանակ, ցավոք, բաց չէին թողնում քարոզչական նկատառումներով գլուխս շոյելու առիթը։ Ես իմ թիթեղյա թմբուկի հետ չէի կարողանում խառնվել թմբկահարներին, շեփորահարներին և տրիբունայի ներքևի մեծ թմբկահարներին, իմ թմբուկը մերժում էր կալվածատերերի թմբկահարությունը։ Հույսերը, որոնք ես կապում էի գաղափարության գծով հաուլայթեր Լյոբզակի հետ, ևս գնացին գրողի ծոցը։ Ես դաժանորեն հիասթափվեցի այդ մարդուց։ Նա նաև Բեբրայի պատվիրակը չէր, ինչպես ես կարծում էի, և իմ տարիքի մասին նա փոքրագույն պատկերացում անգամ չուներ։

Քաղաքական կիրակիներից մեկի ժամանակ ես հայտնվել էի նրա դիմաց, հենց ամբիոնի առջև, կուսակցական ողջյունով նրան ողջունեցի, նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ, ինչից հետո, աչքով անելով, շշնջացի․ «Մեր Ֆյուրերը Բեբրան է», սակայն Լյոբզակի մոտ ոչ մի միտք չծագեց, և նա իմ գլուխը շոյեց նույն ձևով, ինչպես դա անում էին կանանց կազմակերպությունների ֆյուրերուհիները, կարգադրեց Օսկարին իջեցնել գետնի վրա (չե՞ որ նա պետք է ճառ արտասաներ), ինչից հետո գերմանացի աղջիկների միությունից երկու ֆյուրերուհիներ երկու կողմից Օսկարին սեղմեցին և ցույցի ողջ ընթացքում հորձուփորձ արեցին «հայրիկի և մայրիկի» մասին։

Այդ իսկ պատճառով ոչ մեկին պետք է չզարմացնի, որ արդեն երեսունչորս թվի ամռանը (ոչ Ռյոմի հեղաշրջման հետ կապված) կուսակցությունը կամաց֊կամաց սկսեց ինձ հիասթափեցնել։ Որքան շատ էի ես զննում տրիբունաները՝ դրանց առջև կանգնած, այնքան ավելի կասկածելի էր ինձ թվում այդ ողջ համաչափությունը, որը մեղմացնում էր միայն Լյոբզակի հետ կապը։ Դժվար չէ կռահել, որ իմ քննադատական տրամադրվածությունը բորբոքում էին թմբկահարներն ու շեփորահարները, և ահա երեսունհինգի օգոստոսին՝ հերթական ցույցի տոթ կիրակի օրը, ես, թմբկահարների ու շեփորահարների դասակով շրջապատված, տեղավորվեցի տրիբունաների ստորոտում։

Մացերատը տնից դուրս էր եկել արդեն ժամը իննին։ Ես դեռ օգնում էի նրան սրբել դարչնագույն կաշվե անդրավարտիքը, որպեսզի նա չուշանար։ Նույնիսկ այդ վաղ առավոտյան ժամին անտանելի տոթ եղանակ էր և, նախքան դրսում հայտնվելը, Մացերատը հասցրեց քրտնեցնել իր դարչնագույն վերնաշապիկի թևատակերը։ Երևացին մուգ, աստիճանաբար մեծացող կիսաշրջանակներ։ Ուղիղ ինն անց կեսին հայտնվեց Յան Բրոնսկին՝ թեթև, բաց գույնի ամառային կոստյումով, ծակոտկեն, մարգարտամոխրագույն կոշիկներով և ծղոտե գլխարկով։ Յանը մի քիչ ինձ հետ խաղաց, սակայն խաղի ժամանակ ևս աչքը չէր կտրում մայրիկից, որը հենց նախորդ օրը լվացել էր գլուխը։ Ես արագ նկատեցի, որ իմ ներկայությունը խանգարում է նրանց խոսակցությանը, նրանց վարքագիծը դարձնում է անբնական, իսկ Յանի շարժումները՝ կաշկանդված։ Ամառային թեթև շալվարը ակնհայտորեն սկսել էր Յանին նեղել։ Ես էլ տնից գլորվեցի, գնացի Մացերատի հետքերով՝ ամենևին էլ նրան չհամարելով նմանվելու պիտանի կերպար։ Զգուշության համար ես կողքից շրջանցում էի այն փողոցները, որոնք լի էին դեպի Մայիսյան փողոց սլացող համազգեստավոր մարդկանցով, և ցուցի տեղը հասա թենիսի դաշտերի կողմից, որոնք տեղակայված էին մարզադահլիճի կողքին։ Այդ շրջանաձև ճանապարհի շնորհիվ ես կարողացա ետևի կողմից դիտել ու հիանալ տրիբունաներով։

Ձեզ երբևիցե վիճակվե՞լ է ետևի կողմից նայել տրիբունաներին։ Արժեր իսկապես, որ բոլոր մարդկանց, սա ուղղակի այսպիսի առաջարկություն է, ցույց տրվեր, թե ինչ տեսք ունեն տրիբունաները նախքան հավաքելը։ Նա, որ թեկուզ մեկ անգամ ետևից նայել է դրանց և նայել է ուշադիր, նա հենց այդ ժամից ճակատագրի կողմից կպատժվի և նրան մատչելի չի լինի տրիբունաներից այս կամ այն ձևով մատուցված ոչ մի կախարդանք։ Նույնը կարելի է ասել եկեղեցական զոհասեղանների ետևի կողմի տեսքի մասին, բայց սա արդեն այլ թեմա է։

Սակայն Օսկարը, որի համար բոլոր ժամանակներում առանձնահատուկ է եղել ձգտումը հիմնավորվածության հանդեպ, չէր բավարարվում չծածկված և իր այլանդակության մեջ իրական հարթակի ուսումնասիրությամբ, նա վերհիշեց իր մագիստր Բեբրայի խոսքերը, ներս մտավ բարձրունքի կոպիտ ետնամասից, որը նախատեսված էր միայն դիմացից դիտելու համար։ Նա իր թմբուկի հետ ներս խցկվեց փայտամածների արանքով, առանց որի երբեք ոչ մի տեղ չէր գնում և, փայտից դավաճանաբար ցցված մեխին կպնելով, քերծեց ծունկը, լսեց, թե ինչպես են իր գլխավերևում քստքստացնում պարտայգենոսների երկարաճիտք կոշիկները և ֆյուրերուհիների կոշիկները, և, ի վերջո, թափանցեց այնտեղ, որտեղ օգոստոս ամսվա հետ լիակատար համապատսխանությամբ, ամենաշոգ տեղն էր․ տրիբունայի ներքին լանջի մյուս կողմում նա գտավ բավականաչափ հարմարավետ ու անվտանգ մի տեղ, որտեղ կարող էր բավականություն ստանալ քաղաքական ցույցի ձայնային գայթակղություններով՝ թույլ չտալով, որ դրոշները շեղեն իրեն, իսկ համազգեստները վիրավորեն իր հայացքը։

Այսպիսով, ես նստեցի հենց այն տեղի ներքևում, որտեղ ամբիոնն էր։ Ինձանից ձախ ու աջ ու իմ վերևում տեղավորելով ոտքերը, կանգնել էին և, ինչպես ես կռահում էի, կկոցել էին արևից կուրացած աչքերը, յունգենֆոլկից կրտսեր ու հիտլերյուգենդից առավել բարձր տարիքի թմբկահարները։ Իսկ հետո՝ ամբոխը։ Հարթակի ճեղքի միջով ես նրա հոտը քթովս էի զգում։ Այս ամենը կանգնել էր արմունկներով ու կիրակնօրյա հագուստներով միմյանց հետ շոշոփվելով, այս ամենը ժամանել էր ոտքով կամ տրամվայով, այս ամենը մասամբ արդեն մասնակցել էր առավոտյան պատարագին, սակայն լիակատար բավարարվածություն չէր ստացել։ Այս ամենը եկել էր, որպեսզի հարսնացուին թևանցուկ արած բերելով, նրան ինչ֊որ բան առաջարկի, այս ամենը ցանկանում էր ներկա գտնվել, երբ կերտվում էր պատմությունը՝ նույնիսկ դրա համար օրվա կեսը սպանելու գնով։

Ոչ, թող չթվա, թե նրանք զուր էին խփում ոտքերը, ներշնչում էր իրեն Օսկարը։ Եվ նա աչք դրեց բեմի հարթակի անցքին և անհանգիստ շարժումներ նկատեց Հինդենբուրգալեեի կողմից։ Նրանք մոտենում են։ Նրա գլխավերևում որոտացին հրամանի բառերը, թմբկահարների ու շեփորահարների դասակի պարագլուխը թափահարեց իր գավազանը, երաժիշտները թույլ շնչեցին իրեն շեփորներից ներս, հարմարվեցին պիպիչներին և ահա արդեն միանգամից, ամենավատ կալվածատերերի ոճով, փչեցին իրենց փայլեցված պղինձների մեջ՝ այնպես, որ Օսկարի ականջները ցավեցին, և նա ինքն իրեն ասաց․ «Խեղճ գրոհային Բրանդ, ― և էլի, ― խեղճ հիտլերյունգե Քվեկս, դուք զուր զոհվեցիք»։

Կարծես շարժման զոհերի վերաբերյալ ասված հրաժեշտի խոսքը հաստատելու նպատակով շեփորների ձայներին խառնվեց հորթի կաշվից պատրաստված թմբուկների ծանր որոտը։ Ամբոխի միջով դեպի բեմը տանող միջանցքը թույլ էր տալիս գուշակել համազգեստների մոտենալը, և Օսկարը շշնջաց․ «Այժմ ահա, իմ ժողովուրդ, ինձ լսիր»։ Թմբուկը արդեն դրված էր անհրաժեշտ տեղում, ես, երկրային կապանքներից ազատվելով, զույգ փայտիկներին թույլ տվեցի թմբկահարել։ Դաստակներիս նուրբ շարժումով իմ թիթեղից դուրս հանեցի վալսի չքնաղ, ուրախ տակտերը և, ավելի ու ավելի ջերմորեն աղոթելով Վեներային ու երկնագույն Դաուբին, նրանց քնքուշ հնչեղություն տվեցի, մինչև որ այնտեղ իմ գլխավերևում, լանդսքնեխտյան առաջին ու երկրորդ թմբկահարներին ևս դուր եկավ իմ վալսը, և իմ նախերգանքն առավել կամ պակաս աստիճանի վարպետությամբ միացան նաև ավագ տղաների տափակ թմբուկները։ Իհարկե, նրանց մեջ գտնվեցին նաև երաժշտական լսողությունից զուրկ չկրկնվողները, որոնք իրենց համար թմփացնում ու թմբկացնում էին, սակայն չէ՞ որ ես ժողովրդի կողմից այդքան սիրված երեք քառորդանոց ռիթմն էի առաջադրում։ Օսկարը գրեթե պատրաստ էր արդեն հասնել հուսալքության, սակայն այդ պահին շեփորների մեջ ի վերջո պայծառ միտք ծագեց, և լայնակի ֆլեյտաները ևս նվագեցին։

Սկսեցին նվագել «Օ, Դանուբ, երկնագույն Դանուբ»։ Միայն շեփորի ու թմբուկի զույգ հրամանատարները ոչ մի կերպ չէին կամենում անվերապահորեն հավատալ վալսերի արքային, և բացականչում էին իրենց ձանձրալի հրամանները։ Սակայն ես նրանց պաշտոնանկ արեցի․ այժմ գնաց իմ երաժշտությունը։ Եվ դրա համար ժողովուրդը ինձանից շնորհակալ էր։ Տրիբունայի դիմաց արդեն բարձր ծիծաղ լսվեց, ինչ֊որ մեկը սկսեց ձայնակցել․ «Օր ոսկյա, գետն է մի քիչ կայծկլտում» և ողջ հրապարակով մեկ մինչև Հինդենբուրգալեե հոսեց֊անցավ երկնագույն Դանուբը՝ այդքան երկնագույն, և մինչև երկնագույն Շթեֆենսպարկը արշավում էր նաև իմ ռիթմը, որը հզորացնում էր իմ գլխավերևում մինչև ձայնի վերջը միացրած բարձրախոսը։ Իսկ իմ անցքի միջից նայելով և այդ ընթացքում չդադարելով նվագել՝ ես նկատեցի, որ իմ վալսը մարդկանց հաճույք է պատճառում, և որ նրանք անհանգիստ ցատկոտում են։ Եվ ահա անկյունում տասը զույգեր էին պարում, և էլի մեկը, և միավորել էր նրանց վալսերի արքան։ Միայն Լյոբզակի, որը շտուրմբանֆյուրերների, Ֆորսթերի, Գրայզերի ու Ռաուշնինգի հետ, որը՝ ղեկավարող գործիչներին միացած ամբոխի հոծ զանգվածի հետ, սպառնում էր փակել դեպի բեմ տանող ճանապարհը։ Վալսը, որքան էլ տարօրինակ է, ճաշակով չէր։ Լյոբզակը արդեն սովոր էր, որ շքերթային ուղղագիծ երաժշտությունը բոլոր ջրարգելակների միջոցով իրեն դուրս էր բերում դեպի տրիբունա։ Իսկ թեթևքաշային ձայները խլեցին նրանից հավատը առ ժողովուրդ։ Անցքի միջով ես դիտում էի նրա տանջանքները։ Անցքի միջով քամի էր փչում։ Եվ չնայած նույնիսկ իմ աչքը բորբոքվեց․ Լյոբզակը, չգիտես ինչու, իմ մեջ խղճահարոթյուն էր հարուցում, և ես վալսը փոխարինեցի «Ջիմմի֊վագր» չարլսթոնով։ Ես այդ ռիթմը վերարտադրեցի, այդ ռիթմը, որը ծաղրածու Բեբրան թմբկահարում էր սելտերյան ջրի դատարկ շշերի վրա, սակայն ամբիոնի դիմացի տղաները չարլսթոնը չհասկացան, դա ուրիշ սերունդ էր, և, իհարկե, նվազ պատկերացում անգամ չունեին և ոչ էլ «Ջիմմի վագրի» մասին։ Նրանք թմբկահարում էին, օ, իմ բարի ընկեր Բեբրա, ոչ Ջիմմիին և ոչ էլ վագրին, նրանք թմբկահարում էին՝ ով ինչ պատահի։ Նրանք իրենց շեփորներից դուրս էին փչում Սոդոմն ու Գոմորը։ Լայնակի ֆլեյտաները անտարբեր էին դրա հանդեպ։ Դասակի հրամանատարը շեփորներին հայհոյում էր վերջին բառերով։ Սակայն շեփորահարների ու թմբկահարների դասակի տղաները ողջ ուժով սուլում, շեփորում, զիլ֊զիլ նվագում էին, և դա Ջիմմիի համար վերափոխվեց շոգ օգոստոսի ուրախությամբ։ Իսկ նրա հայրենկիցները, որոնք հազարներով ամբոխվել էին ամբիոնի դիմաց, ի վերջո հասկացան՝ դա Ջիմմի֊վագրն է մարդականց չարլսթոնի հրավիրում։

Եվ նրանք, որքեր Մայիսյան մարգագետնում դեռ չէին պարում, սկսեցին, քանի դեռ ուշ չէ, իրար ձեռքից խլել վերջին ազատ տիկնանց։ Միայն Լյոբզակն էր ստիպված պարել՝ որպես զուգընկեր վերցնելով իր կուզը, քանզի հարևանությամբ բոլոր կանացի շրջազգեստ կրողները արդեն շատ վաղուց հրավիրված էին։ Իսկ կանանց կազմակերպություններից այն տիկնայք, ովքեր կարող էին իրեն օգնել, միայնակ Լյոբզակից շատ հեռու, բեմի կոշտ նստարանների վրա նստած՝ անհանգիստ շարժումներ էին անում։ Բայց և այնպես, դա իհարկե նրան խորհուրդ տվեց իր կուզը, նա պարում էր՝ ցանկանալով տանուլ տված չարլսթոնի ժամանակ ուրախ դեմք ցույց տալ և փրկել այն, ինչը դեռ կարելի էր փրկել։

Սակայն այլևս ոչինչ հնարավոր չէ փրկել։ Ժողովուրդը պարելով հեռացավ մարգագետնից և այն, չնայած ամբողջապես ոտքերով տրորված, դարձավ բացարձակապես դատարկ ու կանաչ։ Ժողովուրդը միասին, ընկերովի «Ջիմմի֊վագրի» հետ միասին սփռվեց մարգագետնին հարակից այգու լայնատարած ծաղկաթմբերով մեկ։ Հատկապես այնտեղ էին բացվում այն ջունգլիները, որոնք նրանց խոստացել էր Ջիմմին։ Այնտեղ թավշյա բարձիկների վրա քնքշորեն ելույթ էին ունենում վագրերը՝ նախապատմական անտառը փոխարինելով մարդկանցով, որոնք դեռ շատ վաղուց Մայիսյան մարգագետնում սեղմվում էին միմյանց։ Օրենքը ու կարգ ու կանոնի ոգին՝ ամենը գնաց գրողի ծոցը։ Իսկ նրանք, ովքեր նախապատվությունը տալիս էին մշակույթին, լիովին կարող էին վայելել Հինդերբուրգալեեի լայնատարած խնամված ծաղկաթմբում, որն առաջին անգամ տնկված էր տասնութերորդ դարում, սղոցված՝ հազար ութ հարյուր յոթ թվին, Նապոլեոնի կողմից քաղաքի պաշարման ժամանակ և կրկին տնկված՝ հազար ինը հարյուր տասը թվին՝ այժմ արդեն Նապոլեոնի պատվին։ Կարճ ասած՝ պարողները պատմական հողերի վրա լիովին կարող էին հաճույք ստանալ իմ երաժշտությունից, որովհետև իմ գլխավերևի բարձրախոսները այդպես էլ չանջատվեցին, որովհետև ես լսելի էի մինչև Օլիվյան դասարանները, որովհետև ես չհանձնվեցի, քանի դեռ ինձ ու տրիբունաների մոտ գտնվող քաջերին չհաջողվեց, ազատություն ստացած Ջիմմիի վագրերի միջնորդությամբ Մայիսյան մարգագետինը մաքրել վճռականորեն ամեն ինչից՝ չհաշված ծաղիկները։

Եվ նույնիսկ երբ ես իմ թիթեղին իր կողմից վաստակած հանգստի հնարավորություն ընձեռնեցի, պատանի թմբկահարները դեռ էլի չէին հանգստանում։ Որոշ ժամանակ պահանջվեց՝ նախքան իմ երաժշտական ազդեցությունը կորցրեց իր ուժը։

Մնում է լրացնել, որ Օսկարը չէր կարող անմիջապես լքել ամբիոնների փորոտիքները։ Գրոհայինների ու էսէսականների խմբերը մեկ ժամից ավելի երկարաճիտք կոշիկներով դոփում էին տախտակները, կտորներ էին պոկում իրենց կապույտ ու դարչնագույն զինվորական վերնաշապիկներից՝ հաստատուն ամբիոնների կառուցվածքի մեջ ինչ֊որ բան փնտրելով՝ միգուցե սոցիալիստի, իսկ գուցե մի ողջ խումբ վնասատուների կոմունայից։ Չթվարկելով այստեղ Օսկարի բոլոր ճարպկություններն ու խորամանկությունները՝ կարճ ասենք, որ նրանք իրեն չգտան։ Իսկ չգտան նրան այն պատճառով, որ նրա մակարդակին դեռ չէին հասել։

Ի վերջո փայտե լաբիրինթոսում թագավորեցին լռությունն ու հանգստությունը՝ իրեն չափերով, թերևս, հավասար այն կետին, որի որովայնի մեջ նստել էր Յոհանը ու կերակրվում էր ձկան յուղով։ Օսկարը մարգարե չէր և ուտել ցանկացավ։ Սակայն չհայտնվեց կողքին Տեր Աստվածը, որը նրան կասեր․ «Վեր կաց ու գնա Նինվե մեծ քաղաքը ու քարոզիր այնտեղ»։ Եվ աստված թույլ չտվեց, որ բույսը աճի, որը հետո Աստծո կամքով կհեսաներ որդը։ Ես չէի ողբում ո՛չ այն աստվածաշնչյան բույսի համար, ո՛չ Նինվե քաղաքի՝ թող որ նույնիսկ այդ քաղաքը անվանվեր Դանցիգ։ Իմ թմբուկը ամենևին էլ աստվածաշնչյան չէ, ես մտցրեցի այն պուլովերիս տակ․ իմ հոգսերն էլ հերիք էին ինձ։ Ոչ մի բանի դեմ չառնելով, ոչ մի մեխից չկառչելով՝ ես դուրս պրծա տրիբունայի փորոտիքից, որը կանգնցրել էին ամեն կարգի ցույցերի համար, և միայն պատահականորեն էր իր չափերով համընկնում մարգարեին կուլ տվող կետաձկան հետ։

Եվ ոչ մեկին չէր հետաքրքրում փոքրիկ տղան, որը սուլում ու դանդաղ, ինչպես երեք տարեկանը, Մայիսյան մարգագետնի եզրով շարժվում էր մարզադահլիճի կողմը։ Թենիսի կորտերից այն կողմ թռչկոտում էին իմ երեխաները՝ նրանք, ովքեր նախկինում կանգնած էին ամբիոնների լանջերի մոտ, իրենց առջև զինվորական թմբուկները բռնած, փոքրիկ թմբուկները, լայնակի ֆլեյտաները, շեփորները։ Պատժական զինավարժություններ են, մտածեցի ես և միայն չափավոր կարեկցեցի նրանց, ովքեր ցատկոտում էին գեբիտսֆյուրերի սուլիչով։ Իր շտաբից մի կողմ էր քայլում Լյոբզակը՝ իր միայնակ կուզով։ Նպատակասլաց երթուղու վերջնակետում, ետդարձերի ժամանակ, որոնք նա կատարում էր կրունկների վրա շրջվելով, նրան հաջողվեց բնաջնջել ողջ խոտածածկույթը և բոլոր գորտնուկները։

Երբ Օսկարը վերադարձավ տուն, ճաշն արդեն դրված էր սեղանին։ Մատուցում էին մսով թխվածքաճաշ, կարտոֆիլով ու կարմիր կաղամբով, իսկ դեսերտին՝ շոկոլադե քաղցրակուտապ՝ վանիլային կերակրահյութով։ Մացերատը ճաշի ժամանակ ոչ մի խոսք չասաց, մայրիկս մտքերով ճախրում էր մի ինչ֊որ այլ տեղում, սակայն ճաշից հետո եղավ «Խանդը և Լեհական փոստատունը» թեմայով ընտանեկան գզվռտոց։ Երեկոյին մոտ ամպրոպը երկարատև ներկայացում ցուցադրեց՝ հորդառատ անձրևով ու կարկուտի հոյակապ թմբկահարությամբ։ Ուժասպառ եղած թիթեղին Օսկարը թույլ տվեց հանգստանալ և ուշադիր լսել։


Ցուցափեղկ

Երկար֊երկար ժամանակի ընթացքում, իսկ ավելի ստույգ ասած՝ մինչև երեսունութի նոյեմբերը, իմ թմբուկի հետ զանազան բեմահարթակների տակ կանգնելով, ես շատ կամ քիչ հաջողությմբ տապալում էի ցույցերը, հռետորներին ստիպում կմկմալ, վերակերպարավորում էի քայլերգները, ինչպես նաև բազմաձայն օրհներգերը, վալսերն ու ֆոքստրորները։

Ներկայումս, լինելով հատուկ բժշկական հիմնարկության մասնավոր խնամառու, երբ ողջ նկարագրվածը դարձել է պատմության սեփականությունը և չնայած ջանադրաբար, սակայն մշակվում է որպես երեկվա օրվա նորություններ, ես ի վերջո կարողացա հանսել իմ և իմ ամբիոնների տակ թմբկահարումների միջև անհրաժեշտ տարածության ստեղծմանը։ Ոչինչ առավել սխալական լինել չի կարող, քան ինձ դիմադրության մարտիկ անվանելը մի ինչ֊որ վեց կամ յոթ տապալված ցույցերի պատճառով, շարքերի անցման կամ մոտեցման ժամանակ երեք կամ չորս անգամ համաքայլ ընթացքը խախտելու համար։ Խոսում եմ Դիմադրության ոգու, Դիմադրության օջախների մասին։ Դիմադրությունը կարելի է դարձնել զուտ ներքին, և այն ժամանակ այն կոչվում է ներքին արտագաղթ։ Էլ չեմ խոսում պատվի տեր մարդկանց աստվածաշնչյան ամրության մասին, որոնք պատերազմի ժամանակ ննջասենյակի ոչ բավարար լուսամեկուսացման պատճառով դիտողություն ստացան օդուժի ղեկավարությունից և տուգանք վճարեցին, իսկ այժմ իրենց անվանում են Դիմադրության մարտիկներ, Դիմադրության գործիչներ։

Փորձենք ևս մեկ անգամ նայել Օսկարի բեմահարթակների տակ։ Արդյո՞ք Օսկարն էր առաջադրում ռիթմը իր թմբուկի վրա։ Իր դաստիարակ Բեբրայի խորհրդով վերցնո՞ւմ էր, արդյոք նա գործողությունը սեփական ձեռքերի մեջ և ստիպում ժողովրդին պարել ամբիոնների դիմաց։ Փչացրե՞ց նա, արդյոք, Լյոբզակի՝ այդքան լեզվանի, կրակի, ջրի ու պղնձե խողովակների միջով անցած գաղափարական գծով հաուլյաթերի մտադրությունը։ Արդո՞ք նա երեսունհինգ թվի օգոստոսին՝ այն կիրակի օրը, երբ սահմանված էր մեկ կերակրատեսակով ճաշ, առաջին անգամ, իսկ հետո մի քանի անգամ խափանեց դարչնագույն երանգներով ցույցերը՝ չնայած սպիտակակարմրագույն, սակայն ամենևին էլ ոչ լեհական թմբուկի օգնությամբ։

Այո, դուք ստիպված եք խոստովանել, որ այդ ամենը ես արել եմ։ Սակայն կարելի՞ է արդյոք պնդել, որ ես՝ հատուկ բժշկական հիմնարկության խնամառուս, դրա պատճառով դարձա Դիմադրության մարտիկ։ Նման հարցին ես բացասական պատասխան կտամ, խնդրում եմ նաև ձեզ, որ ամենևին էլ հատուկ բժշկական հիմնարկության խնամառուները չեք, իմ մեջ տեսնել ոչ ավելին, քան հիմարավուն մարդուն, որը միայն զուտ անձնական և գեղագիտական նկատառումներով, ինչպես նաև իմ ուսուցիչ Բեբրայի խորհուրդները սրտին մոտիկ ընդունելով, մերժեց համազգեստների գույնն ու ձևը, տրիբունաների վրա ընդունված երաժշտության ռիթմն ու տոնայնությունը և միայն այդ պատճառով իր սովորական մանկական խաղալիքի օգնությամբ մի յուրոօրինակ բողոք թմբկահարեց։

Այն ժամանակներում ամբիոնների շարքերի դիմացը հավաքված և դրանց վրա եղած մարդականց կարելի էր հաղթահարել խղճուկ թմբուկի միջնորդությամբ, և ես ձեզ շիտակորեն կասեմ, ես իմ համարը հասցրել եմ կատարելության, ճիշտ այնպես, ինչպես և տարածության վրա ձայնի օգնությամբ ապակիների կտրտումը։ Ես թմբկահարում էի ոչ միայն ընդդեմ դարչնագույն ցույցերի։ Օսկարը նստում էր նաև կարմիրների ու սևերի, սկաուտների ու սալաթագույն վերնաշապիկներով երիտասարդ կաթոլիկների, Յեհովայի վկաների ու Կիֆհոյզեր միության, բուսակերների ու ծայրահեղ ազգայնամոլ երիտլեհերի ամբիոնների տակ։ Ինչ էլ որ նրանք պատրաստվել էին երգել, շեփորահարել, աղոթքով երկինք բարձրացնել, կանգնեցնել, աշխարհին ազդարարել՝ իմ թմբուկը ավելի լավ էր կարողանում, քան նրանք։

Այսպիսով, իմ գործը ավերողի գործ է։ Եվ այն, ինչ ես չէի կարողանում հաղթահարել թմբուկի օգնությամբ, ես սպանում էի ձայնով, ինչի համար էլ օրվա լույսի տակ անցկացրած միջոցառումների հետ մեկտեղ, որոնք ուղղված էին ընդդեմ ամբիոնային համաչափության, ես ձեռնամուխ եղա գիշերային գործունեության․ երեսունվեցին, երեսունյթի ձմռանը ես խաղում էի գայթակղիչի դեր։ Իմ հարազատներին գայթակղելու գիտության առաջին դասերը ես ստացա Աննա Կոլյայչեկ տատիկիցս, որն այդ դաժան ձմռանը կրպակ բացեց։ Այլ խոսքերով, նա իր չորս շրջազգեստներով նստում էր շուկայի վաճառասեղանի ետևում ու տոների կապակցությամբ սրտաճմլիկ ձայնով առաջարկում էր․ «Թարմ ձվեր, դեղնավուն յուղ ու սագիկներ՝ ոչ շատ ճարպոտ, ոչ էլ նիհար»։

Շուկայական օրերը երեքշաբթիներն էին։ Նա երկաթուղով գալիս էր Ֆիրկեից, անմիջապես, Լանգֆուրին չհասած, հանում էր կաճյակները, որոնք հագել էր ճանապարհ ընկնելիս, դրանք փոխում էր տձև կրկնակոշիկներով, ձեռքերը անցկացնում էր զույգ կողովների միջով և քայլում դեպի Բանհոֆշտրասե, դեպի իր վաճառասեղանը, որտեղ ցուցանակ էր կախված․ «Ա․ Կոլյայչեկ Բիսաու»։ Ախ, որքան էժան էին այն ժամանակ ձվերը։ Մեկ գուլդենով կարելի էր գնել ամբողջ տասնհինգ հատ, իսկ կաշուբյան յուղը ավելի էժան արժեր, քան մարգարինը։ Իմ տատիկը կանգնում էր երկու ձվավաճառ կանանց միջև, որոնք իրար ընդհատելով բացականչում էին․ «Իսկ ահա ում տամ տափակաձվեր» և «Ձողաձուկ֊ձողաձկնիկ․․․ Մոտեցի՜ր»։ Սառնամանիքի շնորհիվ յուղը քարանում էր, ձվերը չէին փչանում, ձկան թեփուկը վեր էր ածվում ամենաբարակ թրաշի ածելիի, իսկ Շվերդֆեգեր անունով միաչքանի մարդը աշխատանք էր ստանում և համապատասխանաբար՝ աշխատավարձ․ նա փայտե ածուխի բաց խարույկի վրա տաքացնում էր աղյուսները, ինչից հետո, դրանք թերթի թղթի մեջ փաթաթելով, վարձույթով տալիս էր շուկայի վաճառողուհիներին։ Իմ տատիկը Շվերդֆեգերին պատվիրում էր ամեն ժամ իր շրջազգեստների տակ տաք աղյուս դնել, Շվերդֆեգերը այդ գործողությունը կատարում էր երկաթե բահով։ Նա քիչ վեր բարձրացրած շրձազգեստների տակ էր մտցնում ծուխ արձակող փաթեթը՝ դատարկման շարժում, և Շվերդֆեգերի բահը լրիվ սառած աղուսի հետ դուրս էր սողում տատիկիս շրջազգեստների տակից։

Ախ, ինչպես էի ես նախանձում ջերմություն կուտակող ու բաժանող այդ աղյուսներին։ Ես այսօր էլ եմ երազում տաք աղյուսի պես պառկել իմ տատիկի շրջազգեստների տակ, որպեսզի ինձ կրկին ու կրկին փոխեին էլի ինձանով։ Դուք հավանաբար կհարցնեք, իսկ ի՞նչ էր փնտրում Օսկարը տատիկի շրջազգեստների տակ։ Արդյո՞ք նա չի ուզում, նմանակելով իր Կոլյայչեկ պապիկին, անարգանքի ենթարկել ծեր կնոջը։ Կամ գուցե նա մոռացությո՞ւն, հայրենի՞ք, վերջնական երանությո՞ւն է փնտրում։

Եվ Օսկարը պատասխանում է․ ես նրա շրջազգեստների տակ փնտրում էի Աֆրիկան, հնարավորության դեպքում՝ Նեապոլը, որն, ինչպես հայտնի է, պետք է տեսնել։ Հավանաբար այնտեղ միաձուլվում էին հեղեղները, այնտեղով էր անցնում ջրբաժանը, այնտեղ հատուկ քամիներ էին փչում, սակայն հնարավոր է նաև, որ անհողմ եղանակ էր տիրում, այնտեղ անձրևներ էին աղմկում։ Սակայն մարդն այնտեղ չոր էր մնում, այնտեղ նավերն էին խարիսխ ձգում, իսկ միգուցե և խարիսխներն էին քաշում, այնտեղ Օսկարի կողքին բազմում էր Տեր Աստվածը, որը մշտապես ջերմություն էր սիրում։ Այնտեղ սատանան իր հեռադիտակն էր մաքրում, իսկ փոքրիկ հրեշտակները պահմտոցի էին խաղում․ իմ տատիկի շրջազգեստների տակ միշտ ամառ էր, նույնիսկ երբ Ամանորի տոնածառի վրայի մոմերն էին այրվում, նույնիսկ երբ ես այգում Զատիկի ձվեր էի փնտրում կամ տոնում էի բոլոր սրբերի օրը։ Ոչ մի այլ տեղ ես չէի կարող այդքան հանգիստ և օրացույցին այդքան համապատասխան ապրել, ինչպես իմ տատիկի շրջազգեստների տակ։

Սակայն շուկայի օրերին տատիկս ինձ թույլ չէր տալիս իր մոտ գնալ և ընդհանրապես շատ հազվադեպ էր թույլ տալիս։ Ես նստում էի նրա կողքը՝ արկղի վրա։ Նրա ձեռքը ինձ համար փոխարինում էր ջերմության աղբյուրը, ես նայում էի, թե ինչպես են գալիս ու գնում աղյուսաքարերը և տատիկիցս սովորում էի գայթակղություն։ Նա տրորված ձյունով պատված մայթի վրա էր գցում Վինցենտ Բրոնսկու՝ թելից կախված պայուսակը, որը ցանված ավազից այնքան էր կեղտոտվել, որ թելը միայն ես ու տատիկս էինք տեսնում։ Տանտիրուհիները գալիս ու գնում էին՝ չցանկանալով որևէ բան գնել, չնայած ամեն ինչ էժան էր․ միգուցե նրանք ցանկանում էին ընդհանրապես դա որպես նվեր ստանալ և դրա հետ էլ լրացուցիչ ինչ֊որ բան, քանզի ահա մի տիկին կռանալով գետնին գցած Վինսենտի պայուսակի վրա՝ արդեն մատիկներով դիպել էր կաշվին։ Սակայն այստեղ տատիկս իր կողմը քաշեց կարթը՝ փոքր֊ինչ շփոթված հարգարժան տիկնոջ հետ մեկտեղ, լավ հագնված, ձկնիկին կանգնեցրեց ուղիղ իր արկղի մոտ և այդ ամենը անելիս նա բայրացակամության մարմնացում էր․ «Դե, տիկին, յուղ չէ՞իք կամենա, ոսկու պես դեղնավուն, իսկ գուցե տասնհինգ հատը մեկ գուլդենո՞վ»։

Այս եղանակով էր Աննա Կոլյայչեկը վաճառում իր բնամթերքը։ Ես ևս հասկացա գայթակղության կախարդանքը, ոչ այն գայթակղության, որը տասնչորսամյա համբակներին հրապուրում տանում էր Սյուզի Կատերի նկուղը, որպեսզի այնտեղ բժիշկ ու հիվանդ խաղային։ Դա չէր գայթակղում ինձ, դրանից ես խուսափում էի, այն բանից հետո, երբ մեր շենքի տղաները՝ Ակսել Միշքեն ու Նուխի Էլկեն, որպես պատվաստանյութ արտադրողներ։ Իսկ Սյուզի Կատերը՝ որպես բժիշկ, մի անգամ ինձ խնամառու դարձրեց և ստիպեց կուլ տալ չորս դեղ, որի մեջ թեպետ այնքան ավազ չկար, որքան աղյուսի կտորտանքներից պատրաստված ապուրի մեջ, բայց, դրա փոխարեն, այն նեխած ձկան հոտ էր արձակում։ Ոչ, իմ գայթակղությունը գրեթե անմարմնական էր և զուգընկերոջ վրա ազդում էր հեռավորությունից։

Մթնելուց շատ ժամանակ անց, մեկ կամ երկու ժամ անց այն բանից հետո, երբ փակվում են կրպակները, ես ծլկեցի մայրիկիցս ու Մացերատից։ Եվ տեղ զբաղեցրեցի գիշերվա մեջ։ Լուռ, գրեթե անմարդ փողոցներում, քամուց պաշտպանված մուտքերի մեջ ես դիտում էի իմ դիմաց տեղակայված նպարեղենի խանութների ցուցափեղկերը, որոնք ի տես էին ներկայացրել կոշիկներ, ժամացույցներ, թանկարժեք իրեր՝ մի խոսքով ամեն հարմարավետն ու ցանկալին։ Ամենևին էլ ոչ բոլոր ցուցանակներն էին լուսավորված։ Ես նույնիսկ այն կրպակներն էի նախընտրում, որոնք իրենց ապրանքը առաջարկում էին փողոցային լապտերներից հեռու, քանզի լույսը դեպի իրեն է ձգում բոլորին, նույնիսկ ամենաշարքայիններին, այն դեպքում, երբ կիսախավարը դանդաղեցնում է ընտրայլների քայլերը։

Մարդիկ, ովքեր ընթացքից հպանցիկ հայացք էին նետում լուսավորված ցուցափեղկերի վրա, ընդ որում՝ ավելի շուտ գնապիտակի, քան ապրանքի վրա, ինձ չէին հետաքրքրում, կամ նրանք, ովքեր հայելային ապակու մեջ ստուգում էին, թե արդյո՞ք թեք չի նստած գլխարկը։ Ոչ թե այն հաճախորդները, որոնք ձյան փաթիլների պարի ժամանակ, կամ պարզկա լուսնի տակ, սերտաճում էին սառնամանիքի հետ։ Իմ հաճախորդները կարծես հրամանով քարանում էին ցուցափեղկերի դիմաց և աչքերով այլևս չէին զննում դարակները, այլ հակառակը․ կարճ ժամանակ անց կամ անմիջապես հայացքները ուղղում էին մեկ առարկայի վրա։

Եվ իմ մտադրությունը որսորդի մտադրություն էր։ Այն իրականացնելու համար պահանջվում էր համբերություն, սառնասրտություն, ազատ ու սուր աչք։ Միայն այդ բոլոր նախապայմանների դեպքում էր իմ ձայնը իրավունք ստանում անարյուն ու անցավ ձևով հրացանով խփել որսաթռչնին, գայթակղել թռչունին՝ սակայն ինչի վրա։

Այժմ ինչ վերաբերում է գողությանը, քանի որ իմ գոռոցով ես հենց ապրանքների ներքին շարքի մակարդակի վրա, իսկ եթե հաջողվեր, ապա ուղղակի ցանկալի առարկայի դիմաց կտրում էի կլոր անցք, ձայնիս վերջին թռիչքով կտրածս ապակե օղակը մղում էի դեպի ցուցափեղկի ներսը, այնպես, որ կարելի էր խուլ զրնգոց լսել, որը, սակայն, կոտրված ապակու զրնգոց չէր՝ կարելի էր լսել, սակայն միայն ոչ ինձ։ Օսկարը չափազանց հեռու էր կանգնած, բայց ահա շագանակագույն օձիքի վրա շագանակագույն մորթով երիտասարդ կինը, հաստատապես արդեն շուռ տված ձմեռային վերարկուով, նա կարող էր լսել ու տեսնել կլոր կտրվածքը։ Նա իր ճագարի մորթու հետ մեկտեղ ցնցվեց, ձյան վրայով ցանկացավ հեռանալ, սակայն չհասցրեց, հնարավոր է այն պատճառով, որ ձյուն էր գալիս։ Նաև այն պատճառով, որ ձյուն տեղալու ժամանակ, եթե միայն այն բավականաչափ խիտ է, ամեն ինչ թույլատրվում է։ Եվ նա անընդհատ շուրջն էր նայում, բարկանում ձյան փաթիլների վրա։ Ետ էր նայում, և դեռ էլի ետ էր նայում՝ կարծես այդ փաթիլների ետևում այլ փաթիլներ չկային, և դեռ էլի ետ էր նայում, երբ նրա աջ ձեռքը դուրս եկավ դարձյալ ճագարի մորթուց պատրաստված ձեռնամուշտակի միջից։ Սակայն հետո նա այլևս ետ չէր նայում, այլ ուղղակի ձեռքը մտցրեց կլոր անցքի մեջ, նախ մի կողմ հրեց ապակին, որն ընկավ հենց բաղձալի առարկայի վրա, անցքի միջից դուրս հանեց անփայլ֊սև առաջին կոշիկը, հետո՝ ձախը՝ կրունկը չքերծելով, սակայն անցքի սուր կողերին դիպչելով՝ ձեռքը կտրելով։ Կոշիկները անհետացան վերարկուի աջ ու ձախ գրպաններում։ Հինգ ձյան փաթիլների տևողությամբ մեկ ակնթարթ Օսկարը կարող էր տեսնել հաճելի, սակայն ոչ այնքան արտահայտիչ կիսադեմը, արդեն ուզում էր մտածել, որ դա Շտերնֆելդ առևտրի տան կախարդական ձևով կենդանություն առած մանեկենն է, սակայն այդ պահին կինը տեղացող ձյան շղարշի մեջ լուծվեց, ևս մի անգամ հայտնվեց մոտակա լուսարձակի դեղին լույսի մեջ և լուսարձակի շրջանակից անհետացավ, ոչ այն է քիչ ժամանակ առաջ ամուսնացած երիտասարդ կինը, ոչ այն է կենդանություն առած մանեկենը։

Կատարված աշխատանքից հետո արդեն որևէ անելիք չմնաց, իսկ սպասելը, գաղտագողի հետևելը, թմբկահարելու հնարավորություն չունենալը և, ի վերջո, երգելով կտրելն ու սառած ապակին հալեցնելը աշխատանք էր և ոչ հեշտ աշխատանք՝ քան, նույն այն գող կնոջ արածը, սակայն առանց նրա ավարի և սակայն նույնչափ բորբոքված հոգով, որքան էլ մրսած, գնալ տուն։

Միշտ չէ, որ ինձ հաջողվում էր, ինչպես վերը շարադրված օրինակների դեպքում, գայթակղեցման խորամանկությունը ավարտել այդքան անկասկած հաջողությամբ։ Իմ փառամոլ մտադրությունների գագաթնակետը սիրահար զույգին գողերի զույգի վերափոխելն էր։ Երբեմն նրանք երկուսն էլ ցանկանում էին, երբեմն տղան արդեն մեկնում էր ձեռքը, իսկ աղջիկն այն ետ էր քաշում կամ հակառակը՝ աղջիկն էր անհրաժեշտ համարձակություն դրսևորում, իսկ տղան նահանջում էր ու նվնվում։ Իսկ արդյունքում աղջիկը ենթարկվում էր, սակայն հետո սկսում էր նրան արհամարհել։ Մի անգամ էլ ես օծանելիքի խանութի ցուցափեղկի դիմաց գայթակղում էի մի զույգի, որը ձյան տեղալու պատճառով չափից դուրս պատանի էր թվում, տղան հերոս էր ներկայանում և օդեկոլոնը գողացավ։ Աղջիկը նվնվում էր ու աշխարհի բոլոր բույրերից հրաժարվելու պատրաստակամություն հայտնում։ Նա, միևնույն է, ցանկանում էր, որ աղջկանից բուրումնալից հոտ գա և մինչև մոտակա լուսարձակը կարողացավ իր կամքը հաստատել։ Իսկ այնտեղ դեռատի աղջիկը վրդովեցուցիչ անկեղծությամբ, կարծես ի հեճուկս ինձ, բարձրացավ ոտքի մատների վրա և համբուրեց նրան այնքան ժամանակ, մինչև որ տղան իր սեփական հետքերով վազեց ետ, և գողացածը վերադարձրեց ցուցափեղկին։ Ճիշտ նույն կերպ էլ ինձ հաջողվեց անել տարիքով մեծ պարոնների զույգի հետ, որոնցից ես նույնիսկ ավելի մեծ արագություն էի ակնկալում, քան խոստանում էր նրանց կտրիճավարի քայլվածքը ձմռան գիշերվա մեջ։ Նրանք երկյուղածությամբ կանգ առան սիգարետի խանութի դիմաց՝ մտքերով հեռանալով ինչ֊որ տեղ՝ դեպի Հավանա, դեպի Բրազիլիա և կամ էլ Բրիսագոյի կղզիներ, և, երբ իմ ձայնը կարծես թե չափով, կատարեց կտրում, ինչից հետո կտրված հատվածը խնամքով թրմփաց «Սև իմաստության» տուփի վրա, նման պարոնների մոտ կարծես թե գործում էր գրպանահատ դանակը։ Նրանք շրջվում էին և, ձեռնափայտերը թափ տալով, կտրում անցնում էին փողոցը, վազում էին իմ կողքով և իմ թաղամասի՝ չնկատելով ինձ, և Օսկարին հնարավորություն էին տալիս քմծիծաղ տալ ծերունական դեմքի շփոթահար արտահայտության վրա, որը կարծես թե սատանայի ջանքերով էր աղավաղվել։ Սակայն այդ քմծիծաղին միախառնվում էր նաև թեթև մտահոգությունը, քանզի բոլոր այդ, առավել հաճախ զառամյալ տարիքի պարոնները սիրում էին սիգարետներ ու ողողվում էին մեկ սառը, մեկ տաք քրտինքով՝ կարճ ասած՝ խիզախում էին լրջորեն մրսել հատկապես անհաստատուն եղանակին։

Ապահովագրական գործակալությունները այդ ձմռանը ստիպված էին մեծ մասամբ կոտրելու միջոցով գողություններից ապահովագրված մեր արվարձանի խանութներին բավականին մեծ գումարներ վճարել։ Չնայած որ ես ոչ մի անգամ գործը խոշոր գումարների չհասցրեցի, որովհետև միտումնավոր այնպիսի չափսի անցքեր էի կտրում, որ ցուցափեղկից կարելի էր դուրս հանել մեկ կամ, լավագույն դեպքում, երկու առարկա։ Դեպքերը, որոնք անվանվում են «գողություն՝ կոտրելու միջոցով», այն աստիճան շատացան, որ քրեական ոստիկանությունը ուղղակի հալից ընկավ՝ չնայած մամուլը շարունակում էր նրան մեղադրել անգործության մեջ։ Երեսունվեցի նոյեմբերից մինչև երեսունյոթի մարտ ամիսը, երբ գնդապետ Յոցը Վարշավայում կազմակերպեց ազգային միասնության կառավարությունը, կուտակվեց նմանատիպ վաթսունչորս փորձ և քսանութ հաջող իրականացված գողություն։ Ճիշտ է, ոստիկանության ծառայողներին հաջողվեց այդ տարիքով կանանց, ռազմաճակատային գործակատարների, աղախինների ու թոշակի անցած ուսուցչուհիների մեծ մասի մոտից կրկին ետ խլել ավարը (քանզի նրանք գող չէին իրենց կոչումով) և մյուս օրը՝ այն բանից հետո, երբ իրենց տենչանքների առարկան ապահովում էր նրանց անքուն գիշերը, միտք էր առաջանում՝ մեղայականով գնալ ոստիկանություն․ «Ախ, ինձ ներեք, դա այլևս չի կրկնվի»։ Ուղղակի ապակու մեջ հանկարծ անցք առաջացավ, իսկ երբ ես վախից ուշքի եկա, իսկ կոտրած ապակին մնաց ինձանից երեք թաղամաս ետ, հանկարծ պարզվեց, որ իմ վերարկուի ձախ գրպանի մեջ մի զույգ հրաշալի ու հավանաբար շատ թանկարժեք, եթե չասեմ ընդհանրապես անգին, կաշվե ձեռնոցներ են հայտնվել։

Բոլոր բռնվածներին, նույնիսկ նրանց, ովքեր ներկայացել էին մեղայականով, տարան և մեկից երկու ամիս ժամկետով թաղեցին բանտում, քանի որ ոստիկանությունը հրաշքներին չի հավատում։

Այդ ժամանակներին ես ստիպված եղա նստել տնային կալանքի տակ, քանզի մայրիկս հաստատապես կարծում էր, որ իմ ուժեղ ձայնը ինչ֊որ կերպ կապ ուներ այդ հանցավոր խաղի հետ՝ չնայած այդ բանը խելամտորեն չէր խոստովանում ո՛չ իրեն, ո՛չ էլ առավել ևս ոստիկանությանը։

Իսկ ահա Մացերատը, որն ինքն իրեն որպես պատվի մարդ էր ներկայանում, գլխիս հարցաքննություն սարքեց․ ես ոչ մի բառ չասացի, ես իմ թմբուկի հետ ավելի ու ավելի մեծ ճարպկությամբ էի ծպտվում երեքամյա տհասի տեսքի տակ։

― Ամեն ինչում մեղավոր է այն լիլիպուտը, որը համբուրեց մեր փոքրիկ Օսկարի ճակատը, ― նման հարցաքննություններից հետո կրկին ու կրկին բացականչում էր մայրս, ― իմ սիրտը վկայում էր․ զուր չէր, որ նրան համբուրեց, չէ որ նախկինում Օսկարը ամենևին էլ այդպիսին չէր։

Պետք է խոստովանեմ, որ պարոն Բեբրան ողջ ժամանակ շարունակում էր ինչ֊որ չափով իմ վրա ներգործել։ Չէ՞ որ նույնիսկ տնային կալանքները չկարողացան ինձ ետ պահել նրանից, որպեսզի, հանգամանքների բարեհաջող բերումով, առանց թույլտվության մեկ ժամով բացակայեմ, ինչը ինձ հնարավորություն էր տալիս ցուցափեղկի ապակու մեջ երգել֊բացել չարաբաստիկ անցքը և երկար ժամանակ ցուցափեղկին նայող, հույսերով լի երիտասարդին դարձնել գինեկարմիր գույնի մաքուր մետաքսից պատրաստված փողկապի տերը։

Եթե դուք ինձ հարցնեք, թե հենց չարը չէ՞ր, որ Օսկարին կարգադրեց գայթակղությունը մեծացնել՝ չնայած առանց այն էլ դա ձեռքի ափի չափ մեծության անցքի օգնությամբ շլացուցից մաքուր ցուցափեղկից էր դուրս գալիս, ես ստիպված կլինեի պատասխանել, այո, ինքը չարը։ Դա չարն էր, գոնե այն պատճառով, որ ես կանգնում էի մութ մուտքերում, իսկ մուտքը, ինչպես որ պետք է ձեզ հայտնի լինի, չարի սիրած ապրելավայրն է։ Մյուս կողմից, ամենևին էլ չկամենալով նվազեցնելու իմ գայթակղությունների չարակամությունը, այսօր, երբ ես որևէ մեկին գայթակղության մեջ ներքաշելու հնարավորություն ու ցանկություն այլևս չունեմ, պարտավոր եմ ինձ ու իմ հիվանդապահ Բրունոյին ասել․

― Օսկար, դու ոչ միայն պարզապես իրենց երազանքի առարկային սիրահարված մեծ ու միջին ձմեռային դատարկաշրջիկների ցանկություններն էիր բավարարում, այլև դրան գումարած օգնում էիր, որպեսզի ցուցափեղկերի առջև կանգնած մարդիկ իրենք իրենց ճանաչեն։ Ոչ մի պատկառելի ու պճնագեղ տիկին, ոչ մի բարեկամական վարքի տեր հորեղբայր, ոչ մի ծերացած, սակայն հավատի օգնությամբ իր թարմությունը պահպանած կույս աղջիկ, ոչ մի անգամ իրենց մեջ առկա գողական հակումները չէին խոստովանի, եթե քո ձայնը նրանց չսադրեր գողության։ Ավելին՝ չազդեր քաղաքացիների վերադաստիարակման վրա, որոնք նախկինում պատրաստ էին ամեն մի փոքրիկ ու անհաջողակ գողի մեջ տեսնել ստոր ու վտանգավոր սրիկայի։

Այն բանից հետո, երբ ես երեկոյից երեկո դարանակալում էի նրան, իսկ նա երեք անգամ հրաժարվեց գողություն կատարելուց, նախքան ոստիկանության կողմից ոչ մի անգամ չբռնված գող դառնալը, Գերագույն դատարանի՝ սարսափ տարածող դատախազ դոկտոր Էրվին Շոլթիսը, ըստ լուրերի, դարձավ ներողամիտ, հեզահամբյուր և, իր դատավիճիռներով, գրեթե մարդկային իրավաբան, որովհետև զոհ մատուցեց ինձ՝ գողերի փոքրիկ կիսաստվածիս և գողացավ բնական փորսողի ցցամազերից պատրաստված սափրվելու վրձնիկը։

Երեսունյոթի հունվարին ես երկար սառչում էի ոսկերչական խանութի դիմաց, որը, չնայած մերձքաղաքային ծառուղու խնամքով տնկված թխիկների մոտ իր մեկուսի տեղակայմանը, լայնորեն ճանաչված էր և լավ համբավ ուներ։ Զարդեր ու ժամացույցներ ցուցադրող ցուցափեղկերի առջև, ճիշտ է, հայտնվում էին որոշակի քանակությամբ որսաթռչուններ, որոնց ես, առանց տատանվելու ցանկացած այլ՝ կանացի գուլպաների, թավշյա մահուդե գլխարկների, լիլկյորի շշերի ցուցափեղկի դիմաց անհապաղ կխփեի։

Սակայն զարդերը ազդեցություն են թողնում մարդու վրա․ նա դառնում է խստաբարո, դանդաղ հետևում է անվերջ շղթաների վազքին, ժամանակը չափում է ոչ թե րոպեներով, այլ մարգարիտների տարիքով, ելնելով նրանից, որ մարգարիտե փետրամանյակը վզից երկար է ապրում։ Բարակում է դաստակը, սակայն ամենևին էլ՝ ոչ ապարանջանը, երբեմն աճյունափոսերում հաջողվում էր հայտնաբերել մատանիներ, որոնց միջի մատը չէր պահպանվել․ մի խոսքով, ցուցափեղկերը դիտողներից մեկին ընկալում ես որպես պարծենկոտ, մյուսին՝ չափից դուրս խոտանախշավոր, որպեսզի նրան պատեն թանկարժեք իրերով։

Ոսկերիչ Բանզերմերի ցուցափեղկը ապրանքով գերծանրաբեռնված չէր։ Ձեռքով հավաքած մի քանի շվեյցարական նրբաճաշակ ժամացույցներ, կապույտ թավշի վրա սփռված նշանդրեքի մատանիներ, շարվածքի կենտրոնում՝ վեց կամ, ավելի ստույգ, յոթ նրբաճաշակ ցուցանմուշներ, օղակներով պտտվող, տարբեր գույների ոսկուց պատրաստված երեք օձիք, որի ցանցահյուսազարդ մշակված գլխիկը զարդարում էին տոպազիոնը, երկու ադամանդները և, աչքերի փոխարեն, երկու շափյուղները։ Ընդհանրապես, ես սև թավիշ չեմ սիրում, սակայն պարոն Բանզեմերի օձիքին կպել էր այդ ֆոնը՝ նույն կերպ, ինչպես թավիշը, որի շնորհիվ խենթացուցիչ աստիճան պարզ, իր համաչափ կառուցվածքով հրապուրող արծաթե զարդերի, նրբագրգիռ հանգստություն էր ճառագում։ Մատանին, որն իր վրա էր կրում այն աստիճան նրբաճաշակ քանդակաքարը, որ նրան նայելիս անմիջապես երևում էր, թե այն կընտրի նույնչափ նրբաճաշակ ձեռքեր, ինքը ևս կսկսի դառնալ ավելի ու ավելի նրբաճաշակ և ի վերջո կհասնի անմահության այն բարձրագույն աստիճանի, որը պարգևված էր միայն թանկարժեք քարերին։ Շղթաներ, որոնք անարգել ձևով չի կարելի կրել, շղթաներ, որոնք քամահրում են հոգնածությունը, և ի վերջո թեթևաքաշ մանյակ՝ դեղնասպիտակավուն թավշե բարձիկի վրա, որը պարզեցված ձևով կրկնում է կնոջ պարանոցի կառուցվածը։ Նրբաճաշակ մասնատում, հրաշակերպ շրջանակ՝ թափանցիկ սարդոստյան։ Ի՞նչ սարդ է իր միջից դուրս մղել այս ոսկյա թելը, որպեսզի նրա մեջ ընկնեն վեց փոքր ու մեկ մեծ սուտակները։ Եվ որտե՞ղ է նստել այդ սարդը, ինչի՞ է սպասել։ Հավանաբար, ոչ ամենևին նոր սուտակների, այլ ավելի շուտ ինչ֊որ մեկին, որի հայացքը ձգվեց դեպի ցանցի մեջ ընկած սուտակները՝ հիշեցնելով կարծրացած արյան կաթիլները, այլ խոսքով, ո՞ւմ պետք է ես հրամցնեի այդ մանյակը, առաջնորդվելով սեփական տրամադրությամբ կամ ոսկե թել հյուսող սարդի տրամադրությամբ։

Երեսունյոթ թվի հունվարի տասնութին ճռճռացող, տրորված ձյան վրա, այն գիշերին, որն ավելի շատ ձյուն էր խոստանում, այնքան ձյուն, որքան կարող էր իր համար ցանկանալ միայն նա, ով կկամենար ամեն ինչ հանձնել ձյան իշխանությանը, ես տեսա, թե ինչպես է փողոցը իմ դիտակետից քիչ աջ ու բարձր տեղով կտրում անցնում Յան Բրոնսկին, աչքերը չբարձրացնելով՝ անցնում է ոսկերչական խանութի մոտով։ Հետո ոչ այն է դանդաղեցնում է քայլերը, ոչ այն է կարծես հրամանով կանգ է առնում, շրջվում է կամ ինչ֊որ բան շրջում է նրան, և ահա արդեն Յանը կանգնած է սպիտակ բեռը կրող, անձայն թխիկների միջև ցուցափեղկերի դիմաց։

Նրբաճաշակ, միշտ փոքր֊ինչ խճահարություն առաջացնող, ծառայության ժամանակ հլու֊հնազանդ, սիրո մեջ փառամոլ, նույնչափ հիմար ու գեղեցկության վրա խանգարված Յան Բրոնսկին, որն ապրում էր իմ մոր մարմնով, ինչին մինչ օրս հավատում եմ։ Ինչում ես մինչ օրս կասկածում եմ՝ այն է, որ նա ինձ աշխարհ է բերել, Մացերատի անունից։ Յանը այժմ կանգնած էր իր պերճաշուք, կարծես վարշավյան դերձակի սրահից գնված, ձմեռային վերարկուով, կանգնած էր ցուցափեղկի դիմաց, ինքն իր հուշարձանի փոխակերպված, այնքան քարացած էր նա ինձ թվում, այնպիսի, Պարցիֆալի պես հառած հայացքով, կենդանի խորհրդանիշի, որը հենց նույն ձևով կանգնած էր ձայն մեջ ու ձյան վրա տեսնում էր ոսկե մանյակի սուտակների վրայի արյունը։

Ես կարող էի ետ կանչել, թմբկահարելով նրան վռնդել։ Չէ՞ որ թմբուկս մոտս էր։ Ես այն զգում էի վերարկուիս տակ։ Եղած֊չեղածը պետք էր ընդամենը մեկ կոճակ արձակել, և նա ինքը դուրս կթռչեր դեպի սառնամանիքը։ Հերիք է, որ ես ձեռքերս մտցնեի գրպաններս, և փոքրիկները կհայտնվեին իմ ձեռքերում։ Չէ՞ որ որսորդ Հուբեթը ևս չկրակեց, երբ նրա նշանառության տակ հայտնվեց բաձարձակապես անսովոր եղջերուն։ Եվ Սաուլոսը դարձավ Պողոս։ Աթթիլան ևս շրջվեց ետ, երբ Հռոմի պապ Լեոն կարկառեց մատանի մատը։ Սակայն ես չվերամարմնավորվեցի, ետ չդարձա, այլ կրակեցի, ես մնացի որպես որսորդ, Օսկար, ես ցանկանում էի խոցել նշանակետը, ես չքանդեցի իմ կոճակը, թմբուկս սառնամանիքին չհանեցի։ Փայտիկներս չհանեցի ձմռանը բնորոշ սպիտակ թիթեղի վրա, հունվարյան գիշերը թմբկահարայինի չվերածեցի, իսկ դրա փոխարեն անձայն գոռացի, գոռացի, ինչպես հնարավոր է, որ ամենախորքերում գոռում է աստղը կամ ձուկը։ Իմ գոռոցով սկզբում ներխուժեցի սառնամանիքի կառուցվածքի մեջ, որպեսզի ի վերջո թարմ ձյուն տեղար, և հետո միայն գոռացի ապակու վրա, հաստ ապակու վրա, թանկարժեք ապակու վրա, էժանագին ապակու, թափանցիկ ապակու վրա, Յան Բրոնսկու և սուտակե մանյակի միջև ընկած կուսական, միստիկական, ցուցափեղկի ապակու վրա։ Ես գոռացի, բացեցի Յանի ձեռնոցների չափի անցքը և թույլ տվեցի, որպեսզի ապակին ընկնի ետ ծալվող կափարիչի պես։ Եվ Յանը չնցվեց, Յանը ազատություն տվեց իր բարակ լայքայե ձեռնոցով ձեռքին և թույլ տվեց, որ այն վերարկուի գրպանից վեր բարձրանա երկինք, և ձեռնոցը լքեց դժոխքը, երկնքից՝ կամ դժոխքից խլեց մանյակը, որի սուտակները կսազեին ցանկացած հրեշտակի, նույնիսկ ընկածի։ Ինչից հետո նա բռով սուտակներն ու ոսկին իջեցրեց գրպանը՝ շարունակելով, սակայն, կանգնած մնալ ծակ ապակու դիմաց՝ չնայած դա հղի էր վտանգով, չնայած սուտակները այլևս արյունաքամ չէին լինում, որպեսզի գրավեին նրա կամ Պարցիֆալի հայացքը։

Օ, Հայր, Որդի ու Սուրբ Հոգի։ Հոգու հետ պետք է ինչ֊որ բան տեղի ունենար, ինչը պետք է չլիներ հորս՝ Յանի հետ։ Եվ այդ ժամանակ Օսկարը՝ որդին, արձակեց վերարկուն, շուտափույթ ձեռքն առավ թմբուկի փայտիկները և իր թիթեղի վրա վանկարկեց․ «Հայր, հայր», մինչև Յան Բրոնսկին շրջվեց և դանդաղ, չափից դուրս դանդաղ անցավ փողոցն ու բակամուտքի մոտ հանդիպեց ինձ՝ Օսկարիս։

Որքան հոյակապ է, որ հատկապես հենց այն պահին, երբ Յանը դեռևս առանց արտահայտության, սակայն հալոցքից ոչ շատ առաջ նայեց իմ վրա, սկսեց տեղալ ձյունը։ Նա ինձ մեկնեց ձեռքը, ձեռքը և ոչ թե ձեռնոցը, որը դիպչում էր սուտակներին և լուռ, ոչ առանց տրտմության, ուղեկցեց ինձ տուն, որտեղ մայրիկս արդեն անհանգստանում էր ինձ համար, իսկ Մացերատը իր սովորական ոճով, ընդգծված խստությամբ, չնայած հազիվ թե լրջորեն, ինձ սպառնաց ոստիկանությամբ։ Յանը ոչ մի բացատրություն չտվեց, երկար չնստեց ու չկամեցավ սկատ խաղալ՝ չնայած առավելագույնս գայթակղելու համար Մացերատը արդեն սեղանի վրա գարեջուր էր դրել։ Հեռանալիս Յանը շոյեց Օսկարին, սակայն վերջինս այդպես էլ չհասկացավ, թե նա ինչի համար է պարգևում շոյանքը՝ լռությա՞ն, թե՞ ընկերության։

Քիչ ժամանակ անց Յանը, այդ մանյակը նվեր մատուցեց մորս։ Ակնհայտորեն կռահելով մանյակի ծագման մասին, մայրս այն կրում էր կարճատև ժամանակ, երբ գնում էր Մացերատը, կամ իր համար, իսկ միգուցե և ինձ համար։

Պատերազմից քիչ անց ես Դյուսելդորֆի սև շուկայում այդ մանյակը փոխանակեցի «Լակի սթրայք» տեսակի տասներկու սիգարետների ու կաշվե թղթապանակի հետ։


Հրաշք չի լինի

Այսօր, հատուկ բժշկական հիմնարկության իմ մահճակալի վրա պառկած, ես հաճախ թախիծով եմ հիշում այն ուժի մասին, որով այն ժամանակ օժտված էի, ուժի, որը հաղթահարում էր գիշերն ու ցուրտը, ստիպում էր հալվել սառնամանիքի նախշերին, բախում էր ցուցափեղկերի ապակիները և ձեռքից բռնած դրանց էր մոտեցնում հափշտակողին։

Ախ, որքան մեծ ցանկություն ունեի ես հեռացնել իմ դռան վերին երրորդականում տեղադրված դիտանցքի ապակին, այն բանի համար, որպեսզի Բրունոն՝ իմ հիվանդապահը, առավել հեշտությամբ կարողանա ինձ հետևել։

Ախ, ինչպես էի ես այս բուժհիմնարկում բնակություն հաստատելուց մեկ տարի առաջ տանջվում իմ ձայնի ուժազրկության համար։ Երբ ես, հաջողության ձգտելով, գիշերային փողոցում հնչեցնում էի իմ ձայնը, հաջողություն, սակայն, չէի ունենում։ Պատահում էր այնպես, որ ես, ով ատում էր ցանկացած բռնություն, քար էի վերցնում ձեռքս՝ որպես թիրախ ընտրելով Դյուսելդորֆի ծայրամասային որևիցե մի խղճուկ փողոցի խոհանոցային պատուհանը։ Առանձնահատուկ հաճույքով ես Վիթլարին՝ ձևավորողին, նմանատիպ մի ինչ֊որ բան կցուցադրեի։ Երբ կես գիշերից հետո ես նկատում էի նրան, վերևից՝ ծածկված վարագույրներից, ներքևից՝ կարմրականաչ գուլպաներից, Քյոնիգսալլեեի տղամարդկանց հագուստի խանութի ապակուց այն կողմ կամ նախկին Թոնհալլեից ոչ հեռու օծանելիքի խանությում, ապա ես, չնայած նա իմ աշակերտն է, կամ կարող էր այդպիսին դառնալ, հաճույքով նրա համար կոտրում էի ցուցափեղկի ապակին, քանզի մինչև օրս չգիտեմ, թե ինչպես անվանեմ նրան՝ Հուդդա՞, թե Յոհաննես։

Վիթլարը ունի ազնվացեղ ծագում, նրա անունը Գոթֆրիդ է․ երբ ամոթալի, անօգուտ երգեցողական ճիգերից հետո ես ցուցափեղկի անվանաս ապակու վրա արված թեթև թմբկահարության միջոցով իմ վրա հրավիրեցի ձևավորողի ուշադրությունը, նա քառորդ ժամով դուրս եկավ ինձ մոտ։ Զրուցեց ինձ հետ, ծիծաղեց իմ ձևավորական որոնումների վրա, ես ստիպված էի անվանել նրան Գոթֆիդ, քանզի իմ ձայնը չէր արարել այն հրաշքը, որն ինձ իրավունք կտա նրան կոչել Հուդդա կամ Յոհաննես։

Ոսկերչական խանութի դիմաց իմ երգելը, որը Յան Բրոնսկուն դարձրեց գող, իսկ իմ մայրիկին՝ սուտակե մանյակի տեր, որոշ ժամանակով, վերջ տվեց գայթակղիչ ապրանքներով ցուցափեղկերի դիմաց իմ երգեցողական վարժություններին։ Մորս վրա բարեպաշտություն իջավ։ Իսկ այդ ի՞նչ պատճառով։ Կապը Յան Բրոնսկու հետ, անհավատարիմ կնոջ քաղցրալից չարչարանքները նրան դարձրել էին բարեպաշտ, սրբություն տենչացող։ Իսկ մեղքը կարելի է կանոնավորել լավագույն ձևով․ հինգշաբթի օրերին՝ հանդիպել քաղաքում, փոքրիկ Օսկարին թողնել Մարկուսի մոտ, որոշակի ջանքեր նախաձեռնել, որոնք կհանգեցնեն բավարարվածության Թիշլերգասե փողոցում։ Հետո Վայցեկի սրճարանում սուրճի ու թխվածքաբլիթների շուրջ հանգստանալ, երեխային հրեայի մոտից վերցնել, նրանից ստանալ մի քանի հաճոյախոսություններ և դրան գումարած մետաքսյա թելերով գործած տոպրակը, փնտրել֊գտնել իր տրամվայի համարը՝ համար հինգ։ Ժպիտով և ինչ֊որ տեղ հեռու ճախրող մտքերով հաճույք ստանալ Օլիվակյան դարպասների, Հինդենբուրգալլեի կողքով ուղևորությունից, մարզադահլիճի կողքին գրեթե չնկատել մայիսյան մարգագետինը, որտեղ Մացերատը անց է կացնում իր կիրակնօրյա առավոտները։ Ուրախանալ մարզադահլիճը շրջանաձև շրջանցելու համար՝ ինչ աստիճան այլանդակ տեսք կարող է ունենալ այդ տուփը, երբ դու ուղղակի քիչ առաջ չքնաղ ապրումներ ես ունեցել՝ ևս մի շրջադարձ, այժմ դեպի ձախ, և փոշոտ ծառերի հետևում՝ Կոնրադյան գիմնազիան իր կարմիր գլխակավոր սաներով, ― որքան գեղեցիկ է։ Ախ, եթե փոքրիկ Օսկարին էլ զարդարեր ոսկյա «Կ»֊ով հենց այդպիսի մի կարմիր գլխարկ, նա հիմա կլիներ տասներկուսուկես, կնստեր չորրորդ դասարանում և շուտով կսկսեր լատիներեն սովորել և իրեն կպահեր որպես իսկական «կոնրադիստ»՝ փոքրիկ ջանասեր, թեև հանդուգն ու մեծամիտ։

Երկաթուղային անցումից հետո դեպի Ռայխկոլոնիա և Ելենա Լանգի դպրոց տանող ճանապարհին տիկին ագնես Մացերատի՝ գիմնազիայի և նրա որդի Օսկարի համար բաց թողնված հնարավորությունների վերաբերլյալ մտքերը հօդս են ցնդում։ Եվ մեկ ձախ շրջադարձ, սոխանման գմբեթով Քրիստոսի եկեղեցու կողքով, Մաքս Հալբեի հրապարակի և Կայզերի սուրճի կրպակի կողքով։ Հետո իջնել, թռուցիկ հայացքով զննել մրցակիցների ցուցափեղկերը և հաղթահարել Լաբեսվեգ ծանր ուղին, ինչպես հաղթահարում են խաչի ուղին․ մոտեցող սրտնեղությունը, կողքը՝ թերարժեք երեխան, անմաքուր խիղճը, անկշտումությամբ, կատարյալ հագեցման մղումով, կրկնելու տարօրինակ ցանկությունով։ Մացերատի հանդեպ անբարյացականությամբ և բարեհոգի համակրանքով՝ այդպես էր մայրիկս ինձ, իմ թմբուկի և տոպրակի հետ հաղթահարում Լաբեսվեգից մինչև կրպակ ընկած ճանապարհը, մինչև տառեխով լի տակառների կողքի կերոսինը, դեպի կորթնոսյան չամիչը, դեպի քիշմիշը, քաղցր նուշը, անուշահացի համար համեմունքները։ Դեպի «Պերսիլը՝ այն ամուր Պերսիլը», դեպի «Ուրբին՝ փոշին, դեպի Մագգին ու Կնորը, դեպի կաղնու սուրճը, և Հաագի սուրճը, դեպի «Վիթելլո» և «Պամլին» քիչ յուղայնությամբ կարագը։ Դեպի Կրունեի մոտի քացախը և դեպի բազմամրգային մարմելադը, դեպի երկու տարբեր տոնայնությամբ տզզացող ճանճորսկաներն էր տանում ինձ մայրիկս, դեպի ճանճորսկաներ, որոնք մեր վաճառասեղանի վերևում մաշեցնում էին մեղրաքաղցր հոտը և որոնք ամռան ամիսներին երկու օրը մեկ ենթակա էին փոխարինման։ Իսկ շաբաթ օրերին մայրիկս, այդ նույն չափի գերքաղցր հոգով, որը և՛ ձմռանը, և՛ ամռանը, և՛ ընդհանրապես տարին բոլոր դեպի իրեն էր ձգում բարձր ու ցածր տոնայնությամբ տզզացող մեղքերին, գնում էր Քրիստոսի Սիրտը եկեղեցին, որտեղ խոստովանվում էր նորին բարեկրոնություն Վինկեի մոտ։

Ինչպես հինգշաբթի օրերին մայրիկս ինձ հետ տանում է քաղաք որպես, այսպես ասած, հանցակից, այդպես էլ նա ինձ տանում էր նաև շաբաթ օրերին, շքամուտքի միջով, դեպի սառը կաթոլիկական սալաքարերը՝ նախապես իմ թմբուկը մտցնելով իմ պուլովերի կամ վերարկուի տակ, որովհետև ես վճռականորեն առանց թիթեղի, առանց թմբուկի չէի կարող բավականանալ։ Առանց փորիս վրայի թիթեղի ես ոչ մի անգամ չէի կարողանա ինձ խաչակնքել կաթոլիկական խաչով, ճիշտ այնպես, ինչպես չէի կարողանա ծալել ծունկս, կարծես կոշիկներ հագնելուց և հանգիստ նստեի՝ եկեղեցական փայլեցված նստարանի վրա այն ժամանակ, երբ իմ քթարմատի վրա չորանում էր սուրբ ջուրը։

Քրիստոսի Սիրտը եկեղեցին ես հիշում էի դեռ իմ մկրտության ժամանակներից, երբ հեթանոսական անվանս պատճառով հասկանալի դժվարություններ առաջացան, սակայն, այնուհանդերձ, պնդեցին Օսկարի վրա, և Յանը՝ կնքահայրս, այդպես էլ այդ մասին եկեղեցական շքամուտքում հայտարարեց։ Հետո նորին բարեկրոնություն Վինկեն երեք անգամ փչեց դեմքիս, որպեսզի իմ միջից արտաքսի սատանային, խաչով խաչակնքեց, իջեցրեց ձեռքը, աղ ցանեց և էլի ինչ֊որ բաներ ձեռնարկեց ընդդեմ սատանայի։

Բուն եկեղեցում հերթական կանգառն էր սեփական մկրտությունից առաջ։ Մինչ ինձ նվեր էին մատուցում «Հայր մերն» ու հավատի խորհրդանիշը, ես ինձ հանգիստ էի պահում։ Սակայն նորին բարեկրոնությունը տեղին համարեց մեկ անգամ ևս «Չքվիր սատանա» բարձրաձայնել և կարծում էր, թե, իբր, այսուհետև Օսկարի քթին ու ականջներին դիպչելով, բացում է իմ, ով առանց այն էլ ամեն ինչ գիտեր, զգայարանները։ Այնուհետև նա ցանկություն ունեցավ այդ ամենը լսել բարձր ու հստակ և հարց տվեց․ «Կդիմակայե՞ս, արդյոք, սատանային։ Եվ գործերին նրա։ Եվ ճոխությանը նրա»։ Սակայն ավելի վաղ, քան ես հասցրեցի գլուխս բացասաբար շարժել, քանզի մտքովս էլ չէր անցնում ուրանալ, Յանը իմ փոխարեն երեք անգամ արտասանեց․ «Կդիմակայեմ»։

Եվ նորին բարեկրոնությունը կուրծքս ու թիակներիս արանքը օծեց՝ չնայած սատանայի հետ իմ հետագա հարաբերությունները ես չէի փչացրել։ Մկրտելուց առաջ ևս մեկ անգամ հավատի խորհրդանիշն են հռչակում, հետո, ի վերջո, երեք անգամ սուրբ մեռոնով օծում՝ որպես մութ օրերի համար թողություն։ Մացերատը վճարեց, և երբ Յանը շքամուտքով ինձ դուրս բերեց Քրիստոսի Սիրտը եկեղեցուց, որտեղ «պարզկա, ժամանակ առ ժամանակ ամպամածություն» եղանակին մեզ սպասում էր տաքսին, ես հարց տվեցի իմ ներսի սատանային․ «Դե ինչ, քո մոտ ամեն ինչ լա՞վ է»։ Ինչին սատանան, ի պատասխան վեր թռչելով, շշնջաց․ «Իսկ դու ուշադրություն դարձրեցի՞ր եկեղեցու պատուհանների վրա, Օսկար։ Չորս կողմը ապակի է, համատարած ապակի»։

Քրիստոսի Սիրտը եկեղեցին կառուցվել էր Հիմնադիր տարիներին և այդ իսկ պատճառով ոճի տեսանկյունից հարում էր նեոգոթիկային։ Սակայն որքանով որ այն կառուցել էին շուտ մգացող աղյուսից, իսկ պղնձակար սրաձողը մեկ֊երկուս և պատվեց ավանդական փառով, հին գոթական աղյուսե եկեղեցիների ու նոր աղյուսե գոթիկայի միջև տարբերությունները մատչելի ու տանելի էին միայն գիտակի աչքերին։ Իսկ խոստովանությունը թե՛ հին և թե՛ նոր եկեղեցիներում կատարվում էր նույն ձևով։ Նորին բարեկրոնության նման, շաբաթ օրերին գրասենյակների ու խանութների փակվելուց հետո հարյուրավոր բանաստեղծներ նստում էին խոստովանարանում և շշնջում էին՝ փայլուն ճաղավանդակին սեղմած մազակալած հովվական ականջին մեղքերի այն թելը, որի վրա փայլում էր մարգարտաշարի նման՝ սակայն էժանագին, մեղքերից կազմված զարդը։

Մինչև մայրիկս բարեկրոնության լսողական խողովակի միջով խստակարգ հաջորդականությամբ վերին ատյանների գիտակցությանն էր հասցնում, թե ինչ է ինքը արել և ինչն է բաց թողել, ինչեր են կատարվել իր մտքերում, բառերում ու գործերում, ես, ով խոստովանելու ոչինչ չուներ, ներքև էի սահում իմ ճաշակով չափից դուրս մաշված եկեղեցական նստարանի վրայից ու կանգնում էի քարե սալիկների վրա։

Չեմ թաքցնի, որ կաթոլիկ եկեղեցիների սալիկները և կաթոլիկ եկեղեցու հոտը, և ողջ կաթոլիցիզմը նույնիսկ մինչ օրս հրապուրում են ինձ, ինչպես հրապուրում է, ասենք, շեկ մազերով աղջիկը՝ չնայած, որ ես դեմ չէի լինի նրա շեկ մքազերը ներկել այլ գույնով, իսկ կաթոլիցիզմը ինձ ներշնչում է այն ամենահնարավոր աստվածանարգությունները, որոնք կրկին ու կրկին հիշեցնում են, որ ես, միգուցե և զուր, սակայն, այնուամենայնիվ, անբաժանորեն մկրտված եմ կաթոլիկ հավատքով։ Երբեմն պարզունակ զբաղմունքների ժամանակ, ասենք ատամներս մաքրելիս կամ նույնիսկ արտաթորելիս, ես ինձ բռնում եմ այն բանի մեջ, որ պատարագը մատակարարում եմ մեկնաբանություններով, օրինակ․ սուրբ պատարագի ժամանակ նորացվում է Քրիստոսի արյունահեղությունը, որպեսզի արյունը հոսի հանուն քո խղճի մաքրման։ Հենց որ թափվի Քրիստոսի արյունը, գինին դառնում է իսկական։ Քրիստոսի արյունը Տիրոջ աչքի առաջ բուրմունք է արձակում։

Հավանաբար, դուք կհամաձայնվեք, որ կաթոլիկական հայտնի իմաստով երանգավորումը պահպանեցի։ Նախկինում ես նույնիսկ ուղղակի չէի կարողանում սպասել մինչև կգար տրամվայը՝ այդ ընթացքում կույս Մարիամին չհիշատակելով։ Ես նրան անվանում էի սիրառատ, երանելի, օրհնված, բոլոր կույսերի կույս, գթասրտության մայր, կույս մայր, օ դու, որ դասված ես սրբերի շարքը, դու, որ արժանի ես ցանկացած մեծարանքի, դու, ով ծնել է նրան։ Օ, քաղցրանուշ մայր, փառապանծ կույս, թույլ տուր ինձ հաճույք ստանալ Հիսուսի անվան քաղցրությամբ, ինչպես դու ես քո մայրական սրտի խորքում հաճույք ստանում նրանից, այն հիրավի արժանի է ու բարեպաշտ, վայել է ու բուժիչ, օ, օրհնյալ Թագուհի, օրհնյալ․․․

Ժամանակ առ ժամանակ, երբ մայրիկս ու ես ամեն շաբաթ այցելում էինք Քրիստոսի Սիրտը եկեղեցին, այդ «օրհնյալ» արտահայտությունը այնքան բերկրանք էր պարգևում և թունավորում ինձ, որ ես երախտապարտ եմ սատանային, որն իմ ներսում վերացրեց մկրտման արարողությունը և հատկացրեց հակաթույն, որն ինձ հնարավորություն էր տալիս չնայած ծանր սրտով, սակայն բայցևայնպես հպարտ քայլվածքով անցնելու Քրիստոսի Սիրտը եկեղեցու սալիկների վրայով։

Հիսուսը, ում սրտի պատվին էր անվանվել եկեղեցին, բազմաթիվ անգամ հայտնվում էր՝ կերպարվեստի օգնությամբ, խաչակրաց ուղու խայտաբղետ էջերում։

Դրանցից մեկը գունազարդված գիպսից էր։ Նա կանգնած էր ոսկեջրած պատվանդանի վրա՝ երկար մազերով, պրուսական կապտավուն հագուստներով։ Նա, բնության բոլոր օրենքներին հակառակ, բզկտում էր կրծքի վրայի ու կրծքավանդակի միջնամասի հագուստները՝ լուսապսակի մեջ ցուցադրելով պոմիդորակարմիր, արտահոսող արյունով ոճավորված սիրտը, որպեսզի եկեղեցին արդարացներ իր անվանումը։ Հիսուսի մասնատաբաց կրծքի սոուսի հետ առաջին իսկ ծանոթության ժամանակ ես պարտավոր էի արձանագրել, թե որքան դժնակ կատարյալ էր Փրկչի նմանությունը իմ կնքահոր, նույն ինքը՝ մորեղբոես, նույն ինքը՝ ենթադրական հորս՝ Յան Բրոնսկու հետ։ Այդ միամիտ֊ինքնավստահ երազողի երկնագույն աչքերը։ Այդ փթթող, հավերժ լացի մեջ թաքնվելու պատրաստ համբյուրների համար բերանը, այդ հոնքերը, որոնք դարձել էին տղամարդկային ողբի կենտրոնակետ։ Կլորավուն լիարյուն այտերը, որոնք ծարավ էին անարգման։ Երկուսն էլ ունեին կանանց հիմարավուն դեմք և կանացի հոգնած, սառը և աշխատանքից սարսափող ձեռքեր, որոնք ի ցույց էին դնում իրենց խոցերը, ինչպես իշխանական արքունիքում աշխատող ոսկերիչը՝ իր գլուխգործոցները։ Ինձ հալումաշ էին անում Հիսուսի դեմքի վրա վրձինով նկարված՝ հորս պես ինձ չհասկացող Բրոնսկու աչքերը։ Չէ՞ որ ես ունեի այն նույն երկնագույն հայացքը, որը կարող էր հիացնել, սակայն չէր կարող համոզել։

Աջ կողմի նավում Քրիստոսի Սիրտը եկեղեցուց շտապելով սլանում էի խաչակրաց ուղու կայանների երկայնքով, սկսած առաջինից, որտեղ Հիսուսը խաչը իջեցնում է իր վրա, մինչև յոթերորդը, որտեղ նա խաչի ծանրության տակ երկրորդ անգամ է ընկնում․ Օսկարը հետևեց դեպի գլխավոր զոհասեղանը, որի վերևում կախված էր հերթական, ևս քանդակապատկեր Հովհաննեսը։ Ընդ որում՝ այս մեկը ոչ այն է հոգնածությունից, ոչ այն է՝ ավելի լավ կենտրոնանալու նպատակով փակել է աչքերը։ Այ թե մկաններ ուներ այդ Հովհաննեսը։ Տասնամարտիկի կազմվածքով մարզիկը անմիջապես ինձ ստիպեց մոռանալ Յան Բրոնսկու սրտի մասին և ամեն անգամ, երբ մայրիկս խոստովանվում էր Նորին բարեկեցություն Վիլկեի մոտ, ես ակնածանքով մարմնամարզիկին դիտահայելով, գլխավոր զոհասեղանի դիմաց հավաքում էի մտքերս։ Մարմնամարզության իմ քաղցրանուշ ուսուցիչ, դիմում էի ես նրան, օ, բոլոր մարմնամարզիկների մարմնամարզիկ, օ, խաչի վերակախվելու, չնայած ոչ առանց մեխերի օգնության, վարժության չեմպիոն։ Եվ սակայն նա ոչ մի անգամ չցնցվեց։ Դողում էր հավերժական լույսը, իսկ նա վարժություն էր կատարում՝ վաստակելով ամենաբարձր միավորները։ Տկտկում էին ժամանակաչափերը։ Չափում էին ժամանակը։ Ծառայողի կեղտոտ մատները խորանում արդեն փայլեցնում էին մարզիկի վաստակած ոսկե մեդալը։ Սակայն մեծարանքների համար չէ, որ Հովահաննեսը զբաղվում էր այդ սպորտաձևով։

Ես հիշեցի հավատը և որքանով թույլ էր տալիս իմ ծնկներից որևէ մեկը, ծնկի բերեցի նրան, իմ թմբուկի վրա թմբկահարելով խաչը, և փորձեցի այնպիսի բառեր, ինչպիսին էին «Օրհնվածը» և «Ողբացողը» կապել Ջեսսի Օուենի և Ռուդոլֆ Հարբիգի, նախորդ տարվա բեռլինյան Օլիմպիադայի հերոսների հետ։ Սակայն դա ինձ ոչ միշտ էր հաջողվում, որովհետև այդ ժամանակ ես ստիպված կլինեի Հիսուսի պահվածքը ավազակների նկատմամբ անվանել անազնվություն։ Այդ իսկ պատճառով ես նրան պարզապես որակազրկեցի, գլուխս շրջեցի ձախ և, նոր հույսով լցվելով, այնտեղ տեսա երկնային օլիմպիացու երրորդ քանդակապտատկերը։

«Թույլ տուր աղոթքս երկինք հասցնել ոչ շուտ, քան ես երեք անգամ կտեսնեմ քեզ», ― թոթովեցի ես, կրկին կրունկներով զգացի քարե սալիկները, հատակի շախմատի նախշերը օգտագործեցի, որպեսզի հայտնվեմ կողային կցաշինության ձախ կողմի զոհասեղանի մոտ և ամեն քայլափոխին զգում էի․ նա նայում է քո ետևից, սրբերը նայում են քո ետևից։ Պետրոսը, որին նրանք խաչել էին գլխիվայր, Անդրեասը, որին նրանք մեխել էին թեք խաչին՝ այստեղից էլ հենց Անդրեասի խաչը։ Իսկ դրանից բացի, ի թիվս լատինական կամ Չարչարանաց խաչի, գոյություն ունի նաև Հունական խաչը։ Դարձեկ խաչերը, ամեն ծայրին վերադրակներով խաչերը և սանդղավոր խաչերը պատկերում են գործվածքեղենի վրա, կտավներում ու գրքերում։ Խարիսխե խաչը, վերադրակներով խաչը և Կլևերյան խաչը ինձ վիճակվել էր տեսնել քանդակապատկերներում։ Շատ լավն է շուշաններով խաչը, շատ ցանկալի է Մալթիականը, արգելված է սվաստիկան, Դոգոլևի խաչը, Լոթարինգյան խաչը, ծովամարտերում Անտոնի խաչը անվանում են Թ․֊յի խաչումը։ Շղթայից կախված է կանթով խաչը, այլանդակ է Հենքելի խաչը, պապական ոճով է ներկայանում Պապի խաչը, իսկ ռուսական խաչը անվանում են Ղազարոսի խաչ։ Դե, կա նաև Կարմիր Խաչը։ Կապույտները դրանցից բարձր չեն դասվում։ «Երկաթյա խաչը» քեզ կթունավորի, մի հածանավը կխորտակի մյուսը, խաչակրած արշավանքները ինձ կբերեն այլ հավատի, խաչակիր սարդերը խժռում են միմյանց, խաչմերուկների վրա ես խաչակնքվում էի քո հետ, խաչխաչի, խաչաձև հարցաքննությունը, խաչբառը կոչ է անում․ գուշակիր ինձ։ Խաչաձև բարդոցիկի կաթված, ես թեքվեցի, խաչը թողեցի ետևում․ մեջք արեցի խաչված մարզիկին՝ վտանգելով, որ նա ոտքով կհարվածի իմ սրբոսկրին, քանզի ես մոտենում էի Կույս Մարիամին, որն իր աջ ծնկի վրա բռնել էր Հիսուս երեխային։

Օսկարը նստել էր ձախ կողացույցի ձախ անկյունային զոհասեղանի դիմաց։ Մացերատը ուներ դեմքի նույն արտահայտությունը, ինչ հավանաբար ունեցել էր նրա մայրը, երբ 17֊ամյա աղջիկը, օգնելով Տրոիլի մանրուքների կրպակում, կինո գնալու համար փող չուներ, սակայն դրա փոխարեն խորացված զննում էր Աստա Նիլսենի պատկերներով ազդագրերը։

Մարիամը, սակայն, Հիսուսով չէր զբաղվում, նա նայում էր իր աջ ծնկին մոտ մեկ այլ տղայի, որին ես, հետագա սխալներից խուսափելու համար, անմիջապես կանվանեմ Հովհաննես Մկրտիչ։ Երկու տղաներն էլ իմ չափ էին։ Հիսուսը, որպեսզի առավել ճշգրիտ լինեմ, մոտ երկու սանտիմետրով ավելի էր՝ չնայած, համաձայն Սուրբ Գրքի, նա ավելի փոքր էր Մկրտիչից։ Քանդակագործին ակնհայտորեն հաճույք է պատճառել երեքամյա Փրկչին մերկ ու վարդագույն ներկայացնելու հնարավորությունը։ Հովհաննեսի վրա (քանի որ նա արդյունքում հեռացավ անապատ) գցված էր շագանակագույն բրդյա մորթի, որը ծածկում էր նրա կրծքի կեսը, փորը և ցնցուղիկը։

Օսկարը կնախընտրեր գտնվել գլխավոր զոհասեղանի կողքին կամ, առանց երկար մտածելու, խոստովանարանի կողքին, այլ ոչ թե այս երկու տղաների կողքին, որոնք իրենց տարիքին անհամեմատ գիտակից են և դրան ավելացրած սարսափելի նման էին իրեն։ Իհարկե, նրանք ունեին երկնագույն աչքեր և իր շագանակագույն մազերը։ Պակասում էր միայն, որ սափրիչ֊քանդակագործը, նախապես կտրելով պարույրաձև մազափնջերը, երկուսին էլ ապահովեր կուղբի նմանությամբ սանրվածքով, ինչպիսին Օսկարինն էր։

Բայց ես չեմ ուզում առանց պահանջի հապաղել Մկրտիչի կողքին, որը ձախ ցուցամատով խեթկում է մանուկ Հիսուսին, կարծես մտադիր է սկսել համրանքախաղը․ «Մեկ֊երկու․․․ քայլում էին զինվորները․․․»։ Այդ համրանքախաղին մասնակցելու ցանկություն չունենալով՝ ես անմիջապես Հիսուսին կոչում եմ անունով և գալիս հետևության․ երկվորյակ։ Լիովին կարող էր իմ եղբայրը լինել։ Նա իմ հասակն ունի, իմ կառուցվածքը։ Նա նայում էր աշխարհին իմ կոբալտե կապտավուն աչքերով՝ Յան Բրոնսկու աչքերով և, ինչն ինձ առավել շատ էր զայրացնում, ցուցադրում էր նույնիսկ իմ ձեռքերի շարժումները։

Իմ նմանակը վեր էր բարձրացրել գույգ թաթիկները և դրանք բռունցք էր արել այնպիսի ձևով, որ այնտեղ կարելի էր հեշտությամբ ինչ֊որ բան մտցնել, օրինակ, իմ թմբուկի փայտիկները, եթե քանդակագործը կռահեր դա անել, և վարդագույն ազդրերին ամրացներ իմ կարմրասպիտակ թմբուկը՝ կստացվեի ես՝ մարմնավորված Օսկարս, որը նստած էր Աստվածամոր ծնկներին և թմբուկի զարկերով ժողովում էր համայնքը։ Աշխարհում կա շատ բան, ինչի մեջ, որքան էլ այն սուրբ է մեր պատկերացմամբ, ավելի լավ է չխորանալ։

Երեք աստիճանները, որոնք իրենց ետևից բերում էին ուղեգորգը, տանում էին դեպի Կույսի արծաթականաչավուն զգեստավորումը, դեպի Հովհաննեսի ուսերի շոկոլադագույն բրդոտ գազանի մորթին և դեպի հում֊սպիտակ ազդրի գույնի մանուկ Հիսուսը։ Այստեղ էր Մարիամի զոհասեղանը՝ խամրած մոմերով ու տարբեր արժեքի ծաղիկներով։ Կանաչ Աստվածամոր, շագանակագույն Հովհաննեսի, վարդագույն Հիսուսի ծոծրակներին կպած էին ափսեի մեծության լուսապսակներ։ Նրբաթերթ ոսկին մեծացնում էր ափսեների արժեքը։

Եթե զոհասեղանի դիմաց այդ երեք աստիճանները չլինեին, ես երբեք այնտեղ չէի բարձրանա։ Սակայն աստիճանները, սակայն դռան բռնակները, սակայն ցուցափեղկերը Օսկարին այդ ժամանակ ներս էին տանում դեպի գայթակղությունը։ Նույնիսկ այսօր ևս, երբ նա, թվում է, լիովին կարող է բավարարվել պետական մահճակալով, նրանք անտարբեր չեն թողնում նրան։

Ահա և նա, այդ ամբողջ ժամանակ ուղեգորգի վրայից մի կողմ չգնալով, թույլ էր տալիս, որպեսզի յուրաքանչյուր աստիճան գայթակղի իրեն դեպի հերթականը։ Արձանները Մարիամի զոհասեղանին շատ մոտ էին և Օսկարին հնարավորություն էին տալիս մատների ոսկրիկներով, մասամբ քամահրական, մասամբ երկյուղածությամբ տկտկացնել եռյակին։ Իսկ նրա եղունգներին հաջողվեց իրականացնել քերում, որը մերկացնում է ներկի տակի գիպսը։ Կույսին պատած դարսվածքները ոլորվում էին, իջնում մինչև նրա մատների ծայրը, ամպերի շղթայի վրա։ Կույսի փոքր֊ինչ նկատելի թողնված սրունքը հանգեցնում էր այն մտքին, որ քանդակագործը նախ ծեփակերտել է մարմինը և միայն հետո է այն երեսպատել դարսվածքներով։

Ողջ ձմեռը նրա մայրը ջանքեր էր գործադրում, որպեսզի խոստովանության միջոցով ըմբռնի Յանի հետ սեփական հարաբերությունները։ Եվ այդ իսկ պատճառով Օսկարը բավականաչափ ժամանակ և բավականաչափ շաբաթ օրեր ունեցավ, որպեսզի կշռադատի իր պլանավորված գործողությունը, նզովի այն, արդարացնի, նորից պլանավորի, բոլոր կողմերից լուսաբանի և արդյունքում մերժելով բոլոր նախորդ պլանները, պարզապես այն իրականացնի չարչարանաց երկուշաբթի օրը աղոթք֊զրույցի օգնությամբ։

Քանի որ մայրիկս ցանկություն էր հայտնել խոստովանել մինչև զատկային իրարանցման ամենաթեժ պահը՝ օրը, նա չարչարանոց երկուշաբթի երեկոյան բռնեց իմ ձեռքը և Լաբեսվեգի միջով տարավ Էլզենշտրասե փողոցի նոր առևտրի շուկայի անկյունը, այնուհետև՝ Ոլգեմուտի մսի կրպակի կողքով դեպի Մարիենշտրասե, Քլյայնհամմերպարկի մոտից թեքվեց ձախ, երկաթգծերի տակի անցումով, որտեղ մշտապես վերևից ինչ֊որ դեղին ու գարշելի բան էր ծորում դեպի Քրիստոսի Սիրտը եկեղեցին, որը տեղակայված է երկաթուղային պատնեշի դիմաց։

Մենք ուշ տեղ հասանք։ Խոստովանարանի դիմաց սպասում էին միայն երկու ծեր կին և մեկ էլ մի վեհերոտ երիտասարդ։ Եվ մինչ մայրս տրվում էր իր մեղքերի մասին մտքերին՝ նա մեղքերի ցուցակը թերթում էր այնպես, ինչպես թերթում են շտեմարանի մատյանը՝ թքոտելով բութ մատը, հարկային հայտարարագիրը լրացնելիս ես դուրս պրծա կաղնեփայտ նստարանի գրկից և, ձգտելով Քրիստոսի Սիրտը եկեղեցու և խաչի վրայի մարզիկի աչքին չընկնել, անհետացա դեպի ձախ կցաշինության միջի զոհասեղանը։ Չնայած պետք էր գործել արագ, սակայն ես գործը գլուխ չբերեցի առանց ոլորապտույտների։

Նա, ով հրաշք է ուզում, պետք է զինվի համբերությամբ։ Ահա ես էլ սպասում էի և սկզբնական շրջանում դա անում էի համբերատարությամբ, սակայն հնարավոր է, որ առանց անհրաժեշտ համբերության, քանզի որքան շատ էի կրկնում «Բոլորի աչքերը քեզ են ապավինում» բառերը, իմ մտադրություններին համապատասխան, աչքերը փոխարինելով ականջներով, այնքան իր աղոթքի նստարանի վրա նստած Օսկարը ավելի մեծ հիասթափություն էր ապրում։ Ճիշտ է, նա Աստծուն տարատեսակ հնարավորություններ են ընձեռում, փակում իր աչքերը, որպեսզի վերջինս ավելի արագ խիզախի, թող որ դեռ ոչ հմուտ, սկսի, քանի որ ոչ ոք նրան չի հետևում։ Սակայն ի վերջո երկրորդ «Հավատում եմ»֊ից հետո, հետո Հայր, Արարիչ, տեսանելի ու անտես, միածին Որդուն Հորից, իրականը իրականից, բեղնավորված, չարարված, նա և Հայրը՝ մեկ է, նրա միջով, նա իջավ հանուն ձեզ ու մեր անվան։ Կերպարանք ընդունեց, լքեց, եղավ և նույնիսկ կար, ներքևում նա թաղվեց, կենդանացավ, ինչպես Աստվածի, համբարձվեց, գահակալում է Աստծո աջ կողմում և դատ է իրականացնում, և դատված կլինեն հանգուցյալները, վերջ չկա, հավատում եմ, նրանց հետ է նա, միաժամանակ, ասվեց, հավատում եմ, միասնական սուրբ կաթոլիկ․․․

Ոչ, այստեղ ես միայն կաթոլիցիզմի հոտն էի զգում։ Սակայն այդ հոտն էլ ինձ հարկավոր չէր, ես ծարավ էի այլ բանի․ ես ուզում էի լսել իմ թիթեղին, Հիսուսը պարտավոր էր ինձ համար մի ինչ֊որ բան կատարել, փոքրիկ ցածրաձայն հրաշք։ Պարտադիր չէր, որ նա ողջ թափով առաջ վազող առաջնորդական տեղապահ Ռաշցեյայի հետ նորին բարեկրոնություն Վինկեի հետ միասին, որը հրաշքի ուղղությամբ հնոցով իր ետևից ճրագուի հետ քարշ է տալիս արձանագրությունները դեպի եպիսկոպոսարան, դեպի Օլիվա, եպիսկոպոսյան արձանագրության հետ մեկտեղ Հռոմի ուղղությամբ, դառնալ ամպրոպ, ոչ, այստեղ ես պատվախնդրություն չունեի, և Օսկարը չէր ուզում, որ իրեն սրբերի շարքը դասեն։ Նա սակայն ուզում էր փոքրիկ, զուտ անձնական հրաշք, որպեսզի տեսներ ու լսեր, որպեսզի մեկընդմիշտ որոշեր, թե ինչպես ինքը՝ Օսկարը, թմբկահարի կողմ կամ դեմ, որպեսզի ի լուր ամենքի, թե երկնագույն աչքերով երկու միաձու երկվորյակներից որ մեկը պետք է ապագայում պահպանի Հիսուս համարվելու իրավունքը։

Ես նստել ու սպասում էի։ Ինձ անհանգստացնում էր, որ մայրիկս այդ ընթացքում հավանաբար մտել էր խոստովանարան և արդեն ետևում էր թողել վեցերորդ պատվիրանը։ Մշտապես եկեղեցիներով մեկ ոտքերը քարշ տալով քայլող փոքրիկ ծերունին, ոտքերը քարշ տալով, անցավ գլխավոր զոհասեղանի կողքով և, ի վերջո, նրա կողքով, ինչը որ ձախ կցաշինությունում էր, ողջունեց մանուկի հետ Աստվածամորը, միգուցե, նույնիսկ տեսավ թմբուկը, սակայն չհասկացավ, թե դա ինչ է ու՝ ընթացքի ժամանակ մեծանալով, գնաց առաջ։

Ժամանակը գնում էր, իսկ Հիսուսը թմբուկին չէր հարվածել։ Երգչախմբի կողմից ես ձայներ լսեցի։ Չլինի՞ թե այնտեղ նրանց խելքներին փչի երգեհոնի վրա նվագել, անհանգստացա ես։ Նրանց շատ չկա, նախազատիկային երգչախմբային փորձ կկազմակերպեն, և այն ժամանակ նրանք իրենց ամպրոպով ու որոտով կխլացնեն մանուկ Հիսուսի հենց նոր միայն սկսվելիք թմբկահարումը։

Սակայն նրանք չսկսեցին երգեհոն նվագել։ Հովհաննեսը սկսեց թմբկահարել։ Հրաշք տեղի ունեցավ, և ես ծնկներս ճտտացնելով վեր բարձրացա բարձիկների վրայից և, քարշ գալով, մռայլ ու դժգոհ քայլեցի ուղեգորգի վրայով և քարշ էի գալիս աստիճանից աստիճան, չնայած այս անգամ արդեն նախկին աղոթքները չկրկնելով, բարձրացա ամպերի շղթայի վրա՝ ընդ որում շուռ տալով որոշ քանակությամբ չափավոր գնի ծաղիկներ, նպատակ հետապնդելով այդ մերկ հիմարից վերցնել իմ թմբուկը։

Այսօր ես կարող եմ պարզորոշ ասել և կրկին ու կրկին կրկնում եմ․ ես սխալ թույլ տվեցի, երբ որոշեցի նրան սովորեցնել։ Սակայն ինչը ինձ դրդեց նախ նրա ձեռքից խլել փայտիկները՝ թմբուկը թողնելով նրա մոտ, որպեսզի այդ փայտիկներով սկզբում հազիվ լսելի, հետո, անհամբեր ուսուցչի պես, խրատեի կեղծ Հովաննեսին՝ ինչ֊որ բան նվագելով և հետո կրկին փայտիկները խցկեի նրա ձեռքերի մեջ, որպեսզի նա կարողանար ցույց տալ, թե ինչ սովորեց Օսկարից։

Մինչ ես կհասցնեի, լուսապսակը խնայելով, բոլոր աշակերտներից ամենաընդունակի ձեռքից խլել փայտիկներն ու թմբուկը, իմ թիկունքում հայտնվեց նորին բարեկրոնություն Վինկեն՝ իմ թմբկահարությունը լայնությամբ ու բարձրությամբ լցրել էր եկեղեցին, իմ թիկունքում հայտնվեց առաջնորդական տեղապահ Ռաշցեյան, իմ թիկունքում հայտնվեց մայրիկս։ Իմ թիկունքում հայտնվեց փոքրիկ ծերուկը, և առաջնորդական տեղապահը ինձ թափով քաշեց, և նորին բարեկրոնությունը ինձ ապտակեց, իսկ մայրիկս լաց եղավ ինձ վրա։ Եվ Նորին բարեկրոնությունը ինձ շշուկով կոչ արեց, և ծնկների վրա ընկած առաջնորդական տեղապահը վեր ելավ ծնկաչոք դիրքից, Հովհաննեսի ձեռքից խլեց փայտիկները, փայտիկների հետ ևս մեկ անգամ ընկավ ծնկների վրա, վեր թռավ՝ թմբուկի ետևից, վերցրեց թմբուկը, վնասեց լուսապսակը, կոտրեց ամպի մի կտորը և ծնկների վրա, մեկ անգամ ևս ծնկների վրա աստիճաններով գլորվեց ետ՝ չցանկանալով ինձ վերադարձնել թմբուկս, դարձրեց ինձ ավելի չար, քան ես կայի, ստիպեց ինձ ոտքով հարվածել Նորին բարեկրոնությանը, ամաչեցնել մայրիկիս, որն իսկապես էլ ամաչեց, որովհետև ես հարվածում էի ոտքով, կծում, ճանկռոտում։ Ի վերջո դուրս պրծա Նորին բարեկրոնության, առաջնորդական տեղապահի, մայրիկիս, փոքրիկ ծերունու ձեռքերից, հայտնվեցի գլխավոր զոհարանի դիմաց, զգացի, թե ինչպես է իմ մեջ վարգում սատանան, և ինչպես այն ժամանակ մկրտվելիս լսեցի նրա ձայնը․ «Օսկար, ― շշնջում էր սատանան, ― դու միայն նայիր, ամենուր պատուհաններ են և բոլորը՝ ապակուց, անխտիր ապակուց»։

Եվ մարզիկից վեր խաչի վրա, իսկ մարզիկը նույնիսկ չցնցվեց, ես իմ երգով խոցեցի կցաշինության երեք բարձր պատուհանները, որոնք կարմիր, դեղին և կանաչ ֆոնի վրա պատկերում էին տասներկու առաքյալներին։ Սակայն ո՛չ Մարկոսի և ո՛չ էլ Մաթեոսի վրա ես նշան չէի բռնել։ Այլ նշան էի բռնել նրանց գլխավերևի աղավնու վրա, որը կանգնել էր գլխիվայր ու տոնում էր երրորդությունը, և Սուրբ Հոգու վրա էի ես նշան բռնել։ Սկսեցի թռթռացնել, իմ ալմաստով մտա թռչունի դեմ մենամարտի մեջ՝ ե՞ս էի արդյոք պատճառը։ Թե՞ մարզիկը, որը դեմ էր, քանի որ նա չցնցվեց։ Թե՞ կատարվեց հրաշք, սակայն ոչ ոք դա չցանկացավ։ Նրանք տեսնում էին, թե ինչպես եմ ես դողում և անձայն սլանում դուրս։ Բոլորը իմ պահվածքը մեկնաբանեցին, բոլորը, մայրիկիցս բացի, որպես աղոթք, մինչդեռ ես ուղղակի ուզում էի բեկորներ ստանալ։ Սակայն Օսկարը ձախողվեց, նրա ժամանակը դեռ վրա չէր հասել։ Եվ ես ընկա սալիկների վրա և բարձրաձայն լաց եղա, որովհետև Հիսուսը ձախողվեց, որովհետև Օսկարը ձախողվեց, որովհետև Նորին բարեկրոնությունն ու Ռաշցեյան ինձ ճիշտ չհասկացան, սկսեցին ինչ֊որ բան փնթփնթալ զղջման մասին։ Չձախողվեց միայն մայրիկս։ Նա իմ արտասուքները հասկացավ՝ չնայած թվում էր, թե պետք է ուրախանար, որ տեղի ունեցածն ավարտվեց առանց բեկորների։ Եվ այստեղ մայրիկս բռնեց ձեռքիցս, առաջնորդական տեղապահին խնդրեց վերադարձնել թմբուկն ու փայտիկները, Նորին բարեկրոնությանը խոստավավ վնասները փոխհատուցել, իսկ արդյունքում նրանցից ստացավ (ես թույլ չտվեցի, որ նա ավարտեր իր խոստովանությունը) թողություն։ Օսկարին ևս մի քիչ վերին օրհնություն բաժին ընկավ, սակայն դա ոչինչ չէր ասում իմ սրտին։

Մինչ մայրիկս ձեռքերի վրա ինձ դուրս էր բերում եկեղեցուց, ես մատներիս վրա հաշվում էի․ այսօր՝ երկուշաբթի է, վաղը՝ Չարչարանաց երեքշաբթին, չորեքշաբթի, Մաքուր հինգշաբթի, հետո Չարչարանաց ուրբաթը՝ այստեղ էլ նրա վերջը կգա։ Նրա, ով չի կարողանում նույնիսկ թմբկահարել, որն ինձ համար նույնիսկ բեկորները ափսոսաց, որը նման է ինձ և, սակայն, իսկական չէ, որը պետք է իջնի գերեզման, իսկ ես կարող եմ շարունակ թմբկահարել ու թմբկահարել, սակայն այլևս երբեք հրաշք չեմ կամենա։


Հյուրասիրություն չարչարանց ուրբաթ օրը

Երկակի՝ ահա սա է հարմար բառը, որով կարելի է նշանակել Չարչարանաց երկուշաբթու և Չարչարանաց ուրբաթի միջև ընկած ժամանակահատվածում իմ զգացմունքները։ Մի կողմից ես զայրանում էի գիպսից պատրաստված մանուկ Հիսուսի վրա, որը չէր ցանկանում թմբկահարել, մյուս կողմից, այնուամենայնիվ, թմբուկը մնաց ինձ մոտ։ Եթե մի կողմից իմ ձայնը եկեղեցու պատուհանների դեմ անզոր գտնվեց, ապա մյուս կողմից Օսկարը, տեսնելով անվնաս ու խայտաբղետ ապակիները, պահպանեց կաթոլիկական հավատի այն մնացորդները, որոնք դեռ պետք է բավական մեծ թվով հուսահատ սրբապղծությունների դրդեին։

Շարունակենք, սակայն, այդ երկակիության մասին խոսակցությունը, թեկուզ և ինձ մի կողմից բախտ էր վիճակվել եկեղեցուց վերադրձի ճանապարհին փորձի համար երգելով կտրտել մի ինչ֊որ ձեղնահարկի պատուհանը, իմ ձայնի հաջողությունները առօրյայի հանդեպ սաստկացնում էր սրբազան ոլորտում ձախողման դառը գիտակցումը։ Երկակի՝ այսպես ես արտահայտվեցի։ Եվ այդ կոտրվածքը, որը ենթակա չէր բուժման, պահպանվեց և խորը բացված է նաև այսօր, երբ ես այլևս չեմ պատկանում ոչ սրբազանությանը, ոչ առօրեականությանը, այլ հակառակը, մշտապես կենում եմ ինչ֊որ տեղ մի կողմում, հատուկ բժշկական հաստատությունում։

Մայրիկս վճարեց աջ զոհասեղանին հասցված վնասը։ Զատկական առևտուրը բավականաչափ հաջող էր ընթանում՝ չնայած Չարչարանաց ուրբաթ օրը Մացերատը, լինելով բողոքական հավատքի տեր անձ, հրամայեց կրպակը փակել։ Մայրիկը, որը սովորաբար կարողանում էր իր ասածի վրա պնդել, ամեն անգամ Չարչարանաց ուրբաթ օրերին զիջում էր, կրպակը փակում, սակայն փոխարենը, արդեն որպես կաթոլիկ, պնդում էր Քրիստոսի մարմնի տոնի ժամանակ գաղութային ապրանքների կրպակը փակելու։ Նաև պնդում էր պերսիլի, Հաագ սուրճի տուփերը փոխարինել Կույս Մարիամի լուսավորված խայտաբղետ պատկերով, ինչպես նաև Օլիվա շքերթին մասնակցել։

Գոյություն ուներ մի նկար, որի մի կողմում կարելի է ընթերցել․ «Փակ է Չարչարանած ուրբաթ օրվա առիթով»։ Նկարի մյուս կողմը հայտնում էր․ «Փակ է Քրիստոսի մարմնի տոնի առիթով»։ Այն Չարչարանաց ուրբաթ օրը, Չարչարանաց երկուշաբթուն հաջորդած առանց թմբուկի և առանց ձայնի մեջ ալմաստի առաջին ուրբաթը։ Մացերատը ցուցափեղկում կախեց «Փակ է Չարչարանաց ուրբաթ օրվա առիթով» նկարը, և մենք տրամվայով մեկնեցինք Բյորզեն։ Վերը օգտագործած խոսքին ևս մեկ անգամ վերադառնալու նպատակով Լաբեսվիգը ևս երկակի տեսք ուներ․ բողոքականները գնում էին եկեղեցի, իսկ կաթոլիկները նույն ժամանակ լվանում էին պատուհանները և ետին բակերում թափ էին տալիս, թեկուզ մասնակիորեն գորգի նմանվող, ամեն ինչը այնպիսի ուժով և այնպիսի դղրդյունով, որ կարելի էր մտածել, թե եկամտային տների բոլոր բակերով մեկ աստվածաշնչյան ստրուկները միաժամանակ բազմակի անգամ բազմացած Փրկչին մեխում էին բազմակի անգամ բազմացած խաչին։

Իսկ մենք, գորգերի ետևում թողնելով գորգեր թափ տալը, որը տեղեկացնում էր Տերունական կրքերի մոտեցման մասին, սովորական կազմով՝ մայրիկս, Մացերատը, Յան Բրոնսկին ու Օսկարը, նստեցինք 9֊րդ համարի տրամվայը և մեկնեցինք Բրոյզեներվեգի երկայնքով, օդանավակայանի կողքով, հին և նոր բանակային հրապարակի կողքով։ Զասպե գերեզմանատան ուղեփոխ սլաքի մոտ սպասեցինք Նյորֆարվասեր֊Բրյոզենի հանդիպակաց տրամվային։ Մայրիկը սլաքի մոտ սպասումը օգտագործեց, որպեսզի մեզ տեղյակ պահի իր մի շարք նկատառումների մասին, որոնք չնայած արտահայտվեցին ժպիտով, սակայն այնպիսի ոճով, որը վկայում էր կյանքից հայտնի հոգնածության մասին։ Լքված փոքրիկ գերեզմանաքարերը, որտեղ հանգուցանման սոճիների տակ լայնքով ու երկայնքով տարածվել էին անցյալ դարի մամռապատ, քարե սալերը, մայրս անվանեց չքնաղ, ռոմանտիկական և հմայքով լի։

― Ահա թե որտեղ ես կցանկանայի պառկել, եթե մինչ այդ այն չփակեն, ― երազանքներին անձնատուր եղավ մայրս։ Մացերատը սակայն գտավ, որ հողը չափից դուրս ավազոտ է, բացասաբար արտահայտվեց մնացած ողջ բուսականությանը սպանած խուլ վարսակի և կաթնբեկի մասին։ Յան Բրոնսկին իր կողմից ավելացրեց, որ օդակայանից եկող աղմուկը և գերեզմանատան մոտ հանգուցավոր սլաքի վրա բաժանվող տրամվայները անխուսափելիորեն կխանգարեն հովվերգական այս վայրի հանգիստը։

Հանդիպակաց տրամվայն անցավ մեր մոտով, մեքենավարը երկու անգամ զանգ տվեց, և մենք, ետևում թողնելով Զասպեն ու զասպենյան գերեզմանատունը, շարժվեցինք Բրյոզենի ծովային առողջարանի կողմը, որն այդ եղանակին, մարտի վերջին մի տեսակ տկարացած և վհատ տեսք ուներ։ Կրպակները խփված են մեխերով, հավաքասրահում մեխված են պատուհանները, կամրջակների վրայից հանված են դրոշակները, լողարանում թվով քսանհինգ դատարկ խցիկներն են։ Ջերմաստիճանը ցույց տվող տախտակի վրա դեռ անցյալ տարվա կավճի հետքերն են․ օդը՝ քսան, ջուրը՝ տասնյոթ, քամին՝ հյուսիս֊արևելյան, կանխատեսումը՝ փոփոխական ամպամածություն։

Սկզբում մենք մտածում էինք ոտքով հասնել մինչև Գլետկաու, սակայն հետո, առանց որևէ քննարկումների, հանկարծ գնացինք ուղիղ հակառակ ուղղությամբ, դեպի ծովապատնեշ, Բալթիկ ծովը լայնորեն ափ էր գլորում ծուլորեն լպստած ավազը։ Մինչև նավահանգստի մուտքը, որտեղ մի կողմում սպիտակ փարոսն էր, իսկ մյուսում՝ նավավարական դիտանցքը, ոչ մի մարդ չէր երևում։ Նախորդ օրը տեղացած անձրևը ավազի վրա հարթ նախշ էր նկարել, և շատ հաճելի էր այն խախտելը՝ նրա վրա բոբիկ որքերի հետքերը թողնելով։ Մացերատը հավաքում էր ծովի կողմից լպստած մետաղադրամի մեծության աղյուսի բեկորները, դրանք նետում, որպեսզի թռչեն կանաչ ջրի վրայով՝ ընդ որում բավական մեծ փառամոլություն ցուցաբերելով։ Յան Բրոնսկին, որն այդչափ հմուտ նետող չէր, նետումների միջև ընկած ժամանակահատվածներում սաթ էր որոնում, գտավ պատահած մի քանի կտորներ, մեկը նույնիսկ բալի կորիզի չափ, ինչը և մատուցեց մայրիկիս, որն ինձ պես ոտաբոբիկ վազում էր կարծես իր հետքերի հանդեպ սիրուց՝ մերթընդմերթ ետ նայելով։ Արևը բավական զուսպ էր տաքացնում։ Եղանակը զով էր, առանց քամու և պարզ, այնպես, որ կարելի էր հորիզոնում տեսնել երիզը, որը նշում էր Հելա թերակղզին, և էլի երկու֊երեք անհետացող ծխի պոչիկներն ու տախտակամածային կառույցները, առևտրական շոգենավը, որը թռչկոտելով հաղթահարում էր հորիզոնի գիծը։

Հերթականությամբ, անհավասարաչափ ժամանակահատվածների ընդմիջումներով, մենք մոտեցանք առաջին գրանիտե մեծաբեկորներին, որոնք ընկած էին ծովապատնեշի լայն հիմքի մեջ։ Մայրիկը և ես կրկին հագանք գուլպաներն ու կոշիկները։ Մայրիկս օգնեց ինձ կապիչները ամրացնել, իսկ Յանը և Մացերատը, արդեն ծովապատնեշի անհարթ մակերեսի վրայով քարից քար թռչելով, գնում էին ծովի ուղղությամբ։ Ջրիմուռների քերված մորուքները անկանոն դուրս էին ցցվել ծովապատնեշի հիմքի վրայի քարերի արանքից։ Օսկարը կցանկանար դրանք սանրել։ Սակայն մայրիկս բռնեց իմ ձեռքը, և մենք վազեցինք տղամարդկանց հասնելու համար, որոնք գնում էին առջևից և աշակերտների պես թռչկոտում էին։ Ամեն քայլափոխին թմբուկը հարվածում էր իմ ծնկին, սակայն նույնիսկ այստեղ ես չէի ցանկանում, որպեսզի այն ինձանից խլեն։ Մայրիկի հագին կար երկնագույն գարնանային վերարկու արքայամորու գույնի թևքածալերով։ Գրանիտե մեծաբեկորները նրա բարձրակրունկ կոշիկների համար բազմաթիվ դժվարություններ էին առաջացնում։ Ինչպես միշտ կիրակի ու տոն օրերին, ես դես ու դեն էի գնում ոսկե խարսխաձև կոճակներով իմ նավաստու վերարկուով։ Գրեթխեն Շեֆլերի հուշանվերների պահուստից «Զայդլից» գրությամբ հին ժապավենը պաստառում էր իմ անհովհար գլխարկը և քամու տակ կկրթկրթար, եթե, իհարկե, գոնե ինչ֊որ չափ քամի լիներ։ Մացերատը արձակեց շագանակագույն վերարկուն։ Յանը, ինչպես միշտ, պերճաշուք էր իր երփներանգ թավշե օձիքով, ուլստերը հագին։

Մենք գրեթե հասանք ծովապատնեշի ամենավերջում գտնվող նավավարական դիտանոցին։ Դիտանոցի տակ նստած էր բեռնակրի գլխարկով ու բամբակե շալվարով մի ծեր տղամարդ։ Նրա կողքին ընկած էր մի պարկ, որն անընդհատ ցնցվում ու շարժվում էր։ Իսկ մարդը, որն ամենայն հավանականությամբ Բրյոզենից կամ Նոյֆարվասերից էր, բռնել էր սպիտակեղենի պարանի ծայրը։ Ծովային խոտով պատված պարանը հեռանում էր դեպի Մոտլաուի նեխահոտ ջուրը, որը դեռ վճիտանալ չհասցրած և առանց ծովի ալիքների օգնության, գետաբերանի մոտ խփվում էր ծովապատնեշին։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է այդ մարդը ձուկ բռնում սովորական սպիտակեղենի պարանի օգնությամբ և ակնհայտորեն առանց լողանի։ Մայրիկս այդ հարցը տվեց բարեհոգի հեգնանքի տոնով և նրան հորեղբայր անվանեց։ Հորեղբայրը՝ թութունից դեղնած ատամները ցույց տալով, խեժով պատված գրանիտե սալիկների ուղղությամբ, ուր փրփուրի տեսքով խաղում էին ալիքները և դրանց գրեթե դիպչելով՝ ճախրում էին ճայերը։

Մենք արդեն պատրաստվում էինք հեռանալ, քանի որ ծովապատնեշի վրա ցուրտ էր, և արևն էլ ամենևին չէր տաքացնում, սակայն այդ պահին բեռնակիրի գլխարկով մարդը սկսեց քիչ֊քիչ դուրս քաշել պարանը։ Միևնույն է, մայրիկս ուզում էր հեռանալ, սակայն Մացերատին հնարավոր չէր տեղից շարժել։ Ինչպես և Յանը, որը սովորաբար ենթարկվում էր մորս բարձրաձայն ասված բոլոր ցանկություններին, այս անգամ համառություն ցուցաբերեց, դե իսկ Օսկարի համար միևնույն էր, կգնա՞նք մենք, թե՞ կմնանք։ Բայց քանի որ մենք դեռ մնում էինք, ես դիտում էի։ Մինչ բեռնակիրը հավասարաչափ ձգումներով դուրս էր բերում պարանը և ամեն անգամ ձգելիս, ծնկների միջև սեղմելով, այն մաքրում էր ջրիմուռներից, ես համոզվեցի, որ առևտրական բեռնանավը, որի վերնակառույցները ընդամենը մի կես ժամ առաջ հազիվ էին երևում հորիզոնի այն կողմից, փոխել էր ընթացքը և այժմ մտնում էր նավահանգիստ։ Քանի որ նա այդպիսի թաղվածք ունի, նշանակում է, հանքաքարով բարձված շվեդ է, կռահեց Օսկարը։

Սակայն, երբ բեռնակիրը դանդաղ վեր բարձրացավ քարերի վրայից, ես շվեդից շեղվեցի։

― Հլը մի նայեք, ինչ է դրա հետ։

Նա դա ասաց Մացերատին, որը չնայած ոչինչ չէր հասկանում, սակայն պատրաստականությամբ համաձայնվեց։ Անընդհատ այդ բառերը կրկնելով՝ բեռնակիրը շարունակում էր դուրս քաշել պարանը՝ չնայած այժմ արդեն ճիգ թափելով, այնուհետև նա քարերի վրայով, իջավ ներքև, դեպի պարանը։ Ոտքերը լայնակի տեղադրելով, ձեռքերը գրանիտե մեծաբեկորների արանքով մտցրեց (մայրիկս չհասցրեց ժամանակին շրջվել) ծովախորշի խլթխլթացող ջրի մեջ։ Փնտրեց, շոշափեց, գտավ, բռնեց ու բարձրաձայն պահանջելով մի կողմ քաշվել, ինչ֊որ մի թաց ու ծանր բան նետեց, կյանքով փոթորկվող ինչ֊որ բան մեր դիմաց՝ գետնին․ ձիու գլուխ, թարմ, բացարձակապես իրականի պես, սևաթույր նժույգի գլուխ, այսինքն՝ սևաբաշ ձիու, որը դեռ երեկ չէ առաջին օրը, հնարավոր է, բարձրաձայն խրխնջում էր, որովհետև նա, այդ գլուխը, ամենևին չէր քայքայվել, և գարշահոտ չէր արձակում։ Նրանից թերևս միայն գետաջրի հոտ էր գալիս, սակայն ծովապատնեշի վրա այդ հոտը գալիս էր ամեն ինչից։

Եվ ահա արդեն գլխարկով մարդը կանգնած է՝ լայն բացված ոտքերը դրած ձիու մնացորդների կողքերին, որից մոլեգին դուրս են պրծնում բաց կանաչ փոքրիկ օձաձկները։ Բեռնակիրը ոչ առանց դժվարության բռնում է դրանք, որովհետև օձաձկները արագ ու ճարպկորեն սահում էին ողորկ ու դեռ թաց քարերի վրայով։ Դրան գումարած՝ անմիջապես նրանց գլխավերևում էին հայտնվում ճայերը՝ իրենց սովորական ճիչով։ Նրանք թեթևորեն, երեք֊երեք, չորս֊չորս վրա էին պրծնում, ճանկում էին փոքր կամ միջին չափի օձաձկանը, և նրանց դեն քշելու ոչ մի հնարավորություն չկար, որովհետև ծովապատնեշը նրանց էր պատկանում։ Սակայն բեռնակրին, որը նետվեց ճայերի արանքը, հաջողվեց մոտ 20֊25 օձաձուկ գցել իր պարկի մեջ Մացերատի օգնությամբ, որը սիրում էր ցույց տալ, թե պատրաստ է օգնության հասնել։ Եվ այդ իսկ պատճառով Մացերատը չէր կարող տեսնել, որ մայրիկիս դեմքը հանկարծ դարձավ դեղնասպիտակավուն, որ նա նախ ձեռքը, և հետո ընդհանրապես գլուխը դրեց Յանի թավշյա օձիքի վրա։

Սակայն երբ բոլոր մանր ու միջին օձաձկները իրար ետևից հայտնվեցին պարկի մեջ, իսկ բեռնակիրը, որի գլխից այդ արարողակարգի ընթացքում մի կողմ էր ընկել գլխարկը, սկսեց սատկած գլխի միջից սեղմելով դուրս բերել ավելի մեծ, մգոտ օձաձկների, մայրիկը վերջնականապես ստիպված եղավ նստել։ Յանը նույնիսկ ուզում էր մի կողմ շրջել նրա դեմքը, սակայն նա չընկրկեց, նա շարունակեց անշարժ ու բութ հայացքով աչքերը չռած դիտել այդ օձերի հետ բեռնակրի եռուզեռը։

― Հլը տես, ― տնքում էր նա ժամանակ առ ժամանակ։ ― Հլը ― մի, հլը ― մի։ ― Եվ իր ձկնորսական երկարաճիտք կոշիկի օգնությամբ լայն բաց արեց ձիու բերանը, փայտը դրեց ծնոտների միջև, այնպես, որ կարող էր թվալ, թե իբր ձին է քմծիծաղելով ցույց տալիս անվնաս դեղին ատամները։ Սակայն երբ բեռնակիրը իր երկու ձեռքերը խորը մտցրեց ձիու երախի մեջ և այնտեղից դուրս բերեց առնվազն ձեռքի հաստության, ինչպես նաև երկարության երկու օձաձուկ, միայն այժմ նկատելի դարձավ, որ նրա գլուխը ճաղատ է ու նման ձվի։ Մայրիկս ևս իրարից անջատեց իր ծնոտները, և նա իր միջից դուրս մղեց ողջ նախաճաշը․ հացի կտորների հետ խառնված գնդակերպ սպտակուցն ու դեղնուցի թելիկները կաթով սուրճի շիթի հետ մեկտեղ թափվեցին ծովապատնեշի քարերի վրա։ Դեռ կար ետ տալու ցանկությունը, սակայն նրա միջից այլևս ոչինչ դուրս չեկավ։ Այդքան էլ վատ չէր կերել նա նախաճաշին, քանի որ ուզում էր անպատճառ նիհարել ու հանուն դրա բազմաթիվ դիետաներ էր փորձարկել։ Չնայած դրանցից ոչ մեկը մինչև վերջ չէր պահպանել՝ նա իհարկե թաքուն էր ուտում և միայն մի բանից ոչ մի կերպ չէր կարողանում հրաժարվել՝ կանանց միավորումներում երեքշաբթի օրերի մարմնամարզությունից։ Չնայած Յանը և նույնիսկ Մացերատը ծիծաղում էին նրա վրա, երբ թղթե փաթեթի մեջ դրված մարզահագուստը հետը վերցնելով, հեռանում էր այդ կապույտ, փայլուն հագուստներով ծիծաղելի մորաքույրների մոտ և լախտով վարժություններ էր կատարում, միևնույն է չէր նիհարում։

Ահա այդ անգամ ևս մայրս ծովապատնեշի քարերի վրա ետ տվեց ոչ ավելի քան կես ֆունտ, սակայն ավելի նիհարել նրան չհաջողվեց։ Կանաչ մաղձից բացի, նրա ներսից ոչ մի այլ բան դուրս չէր թռչում, իսկ այդ պահին հայտնվեցին ճայերը, երբ նա նոր էր սկսել խեղդվել։ Ճարպոտ, ողորկ ճայերը պտտվում էին ավելի ու ավելի ցած, ընկնում էին ներքև, կռվում էին մայրիկի նախաճաշի համար, թույլ չէին տալիս իրենց քշել, սակայն ո՞վ պիտի նրանց քշեր, եթե Յան Բրոնսկին ինքն էր նրանցից վախենում և նույնիսկ ձեռքերով փակել էր իր գեղեցիկ երկնագույն աչքերը։

Սակայն Օսկարին ևս, երբ նա փորձեց ընդդեմ ճայերի առաջ քաշել իր թմբուկը, երբ սպիտակ լաքի վրա թմբկահարելով սկսեց ճերմակության դեմ իր պատերազմը, նրանք չենթարկվեցին, նրա թմբուկը իսկի չօգնեց, առավելագույնը այն ճայերին դարձրեց ավելի ճերմակ։ Դե իսկ Մացերատը, նա ընդհանրապես հոգ չէր տանում մայրիկիս մասին։ Նա ծիծաղում էր, քծնում բեռնակրին, իրեն որպես ամուր նյարդերի տեր մարդ էր ներկայացնում, իսկ բեռնակիրը իր գործը գրեթե ավարտեց և վերջում ձիու ականջի միջից մի մեծ օձաձուկ հանեց։ Օձաձկան հետ մեկտեղ դուրս թողեց ձիու ուղեղի սպիտակ շիլան։ Չնայած Մացերատն ինքը սրտախառնոցից դարձավ կանաչավուն, սակայն չդադարեց հոխորտալ և բեռնակրից գրեթե ձրի ետ գնեց երկու օձաձուկ և հետն էլ փորձում էր գինն իջեցնել։

Այստեղ ես չէի կարող Յան Բրոնսկուն չգովել։ Թեև նա ինքը այնպիսի տեսք ուներ, կարծես ուր որ է պետք է լաց լինի, սակայն օգնեց, որ մայրիկս ուղղվի՝ մի ձեռքով գրկելով նրա թիկունքից, մյուսով՝ դիմացից ու տարավ մի կողմ։ Դա կողքից ծիծաղելի էր դիտվում, քանզի մայրիկս իր բարձր կրունկների վրա ծովափի ուղղությամբ ոտքերը քարշ էր տալիս քարից քար, ամեն քայլին նրա ոտքերը ծալվում էին, սակայն նրան հաջողվեց իր ոչ մի տեղը չկոտրել։

Օսկարը մնաց բեռնակրի ու Մացերատի հետ, քանի որ բեռնակիրը, քիչ ավելի շուտ իր գլխարկը երկրորդ անգամ գլխին բարձրացնելով, մեզ մանրամասն բացատրեց, թե ինչու է կարտոֆիլի պարկը լցված կիսով չափ կոպիտ աղացած աղով։ Այսպիսով պարկի միջի աղը ծառայում էր նրան, որ իր մեջ ներծծեր օձաձկների մաշկի լորձը։ Քանի որ աղի մեջ ընկնելիս օձաձկներն անդադար շարժվում են, ողջ լորձը փոխանցվում է աղին այնքան ժամանակ, մինչև իրենք չքնեն։ Այդպես են վարվում, երբ պատրաստվում են հետագայում դրանք ապխտել։ Ճիշտ է, դա արգելում է ոստիկանությունը, և կենդանիների պաշտպանության միությունըը՝ նույնպես, սակայն առանց աղի գործը գլուխ չի գա։ Այլ կերպ ինչպես մաքրել օձաձկները արտաքին ու նաև ներքին լորձից։ Հետո մահացած օձաձկներին, չոր տորֆով տրորելով, ամբողջությամբ մաքրում են և կախում ապուխտի տակառի մեջ այրվող հաճարենու փայտերի վրա։

Այն, որ օձաձկներին խցկում են աղի մեջ, Մացերատը համարեց շատ խելամիտ։

― Չէ՞ որ նրանք ինքներն են ներս մտնում ձիու գլխի մեջ, ― ասաց նա։

― Նաև հանգուցյալների մեջ, ― լրացրեց բեռնակիրը։ ― Աում են, որ Սկագերակի ճակատամարտից հետո օձաձկները առանձնահատուկ յուղոտ դարձան։

Իսկ իմ հատուկ բժշկական հիմնարկության բժիշկը հենղ մոտ օրերս պատմում էր մի ամուսնացած կնոջ մասին, որը մտադրվել էր ժամանակ անցկացնել կենդանի օձաձկան հետ, իսկ օձաձուկը այնպես էր ատամներով նրանից կառչել, որ ստիպված էին կնոջը ուղարկել հիվանդանոց, և նա այլևս երեխաներ չի ունենա։

Բեռնակիրը պինդ կապեց օձաձկներով ու աղով պարկը և այն գցեց ուսին՝ չնայած պարկի մեջ անընդհատ ինչ֊որ բան էր շարժվում։ Նա իր պարանոցի շուրջը փաթաթեց գործածությունից դուրս մնացած պարանը և քայլեց Նոյֆարվասերի ուղղությամբ։ Այդ պահին էլ առևվտրական նավը մոտեցավ։ Այն ուներ մոտավորապես 1800 տոննա ջրատարողություն, և պարզվեց, որ շվեդական չէր, այլ նույնիսկ լավ էլ ֆիննական, և ոչ թե հանքաքար, այլ անտառանյութ էր բերել։ Պետք է ենթադրել, որ պարկով բեռնակիրը «ֆիննի» վրա ծանոթներ ուներ, նա թափահարեց այդ ժանգոտ տաշտակի ուղղությամբ, և ինչ֊որ բան բղավեց։ «Ֆիննից» նույնպես թափահարեցին և բղավեցին ի պատասխան։ Իսկ թե ինչու Մացերատը թափահարեց և թե ինչո՞ւ բղավեց այնպիսի հիմարություն, ինչպես «Հեյ նավի վրա, ախոյան», ես այդպես էլ չկարողացա հասկանալ։ Չէ՞ որ ծնունդով Ռայնլանդից լինելով, նա ընդհանրապես ոչինչ չէր հասկանում ծովային գործից, և ֆինների շրջանում ոչ մի ծանոթ չուներ։ Սակայն հենց այդպիսին էր նրա սովորությունը․ թափահարել, եթե ուրիշներն են թափահարում, գոռալ, ծիծաղել, ծափ տալ, եթե գոռում են, ծիծաղում են, ծափ են տալիս ուրիշները։ Հենց այդ պատճառով էլ նա համեմատաբար շուտ մտավ կուսակցության մեջ, այն ժամանակ երբ դրա համար առանձնակի անհրաժեշտություն չկար, երբ դա դեռ ոչինչ չէր տալիս, միայն կիրակի առավոտներն էր նրանից խլում։

Օսկարը դանդաղ քայլեց Մացերատի, Նոյֆարվասերից բեռնակրի ետևից՝ հայացքով ճանապարհելով չափից ավելի բարձված նավը։ Ժամանակ առ ժամանակ շրջվում էր, որովհետև բեռնակիրը ձիու գլուխը այդպես էլ գցել էր նավագնացության դիտանոցի տակ։ Սակայն բուն գլուխը այլևս չէր երևում, որովհետև ճայերը բոլոր կողմերից կպել էին նրան։ Սպիտակ, հազիվ նշմարելի մի անցք, որը շրջապատված էր շշականաչավուն ծովով։ Թարմ լվացված ամպիկ, որը պատրաստ է ամեն րոպե խնամքով երկինք խոյանալ, բարձր ճիչերով ծածկելով ձիու գլուխը, որն այժմ ոչ թե խրխնջոց, այլ ճիչ էր արձակում։

Կուշտ նայելուց հետո ես փախա և՛ Մացերատից, և՛ ճայերից, և՛ ընթացքի ժամանակ բռունցքով հարվածում էի իմ թմբուկի թիթեղին, հասա֊անցա բեռնակրին, որն այդ ընթացքում ծովապատնեշի սկզբին մոտ հասել էր Յան Բրոնսկուն և մայրիկիս։ Յանը, ինչպես և դրանից առաջ, գրկել էր մայրիկիս, միայն թե նրա ձեռքերից մեկը այժմ գտնվում էր նրա ծոցից ներքև։ Սակայն Մացերատը չէր կարող տեսնել ո՛չ դա և ո՛չ էլ այն, որ մայրիկս ձեռքը մտցրել էր Յանի շալվարի՝ իր կողմի գրպանը․ նա չափից դուրս հեռու էր մեզանից, և հենց այդ ժամանակ քարերի արանքից վերցրած թերթի մեջ փաթաթում էր չորս օձաձուկ, որոնց նրա խնդրանքով բեռնակիրը նախապես քարով ուշաթափ էր արել։ Մեզ հասած Մացերատը թափահարում էր օձաձկներով փաթեթը և պարծենում էր․

― Մեկ ու կես էր ուզում, սակայն ես նրան մեկ գուլդեն տվեցի, դա էլ շատ էր նրան։

Մայրիկն արդեն ավելի լավ տեսք ուներ, և նրա երկու ձեռքերն էլ աչքի առաջ էին, և նա Մացերատին պատասխանեց․

― Միայն մի երևակայիր, որ ես քո օձաձուկը կուտեմ։ Ես ընդհանրապես կյանքումս այլևս ոչ մի կտոր ձուկ չեմ ուտի, իսկ օձաձկների մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։

Մացերատը ծիծաղեց․

― Հերիք է խոսես, աղջիկ։ Չէ՞ որ դու նախկինում էլ գիտեիր, թե ուր են խցկվում օձաձկները, իսկ ինքդ դրանք միշտ ուտում էիր, թարմերը՝ նույնպես։ Այ կտեսնենք, թե դու ինչ կասես, երբ քո խոնարհ ծառան դրանք լավագույնս պատրաստի ընտիր ձևավորման բոլոր կանոններով՝ մի քիչ էլ կանաչեղեն ավելացնելով։

Յան Բրոնսկին, որը ժամանակին էր ձեռքը ետ քաշել մայրիկիս ծոցատակից, ոչինչ չասաց։ Ես սկսեցի թմբկահարել, որպեսզի նրանք չսկսեն կրկին խոսել իրենց օձաձկների մասին և թմբկահարեցի մինչև հասանք Բրյոզեն։ Տրամվայի կանգառում և հետո կցորդ վագոնում ես թույլ չէի տալիս, որ երեք մեծահասակները խոսեն։ Օձաձկները իրենց բավականին հանգիստ էին պահում։ Չասպեի ուղեբաժանքի վրա կանգնելու հարկ չեղավ, որովհետև հանդիպակացն արդեն անցել էր։ Օդանավակայանից անմիջապես հետո Մացերատը, չնայած իմ թմբուկին, սկսեց պատմել, թե ինչ աստիճան է ինքը սովածացել։ Մայրիկս չարձագանքեց և նայում էր մեր կողքով ինչ֊որ տեղ, մինչև որ Յանը իր «Ռեգատ»֊ներից մեկը նրան չառաջարկեց։ Երբ նա նրան կրակ տվեց, մայրիկս ծխախոտի ոսկե մուշտուկը շուրթերով սեղմելով, Մացրատին ժպտաց, քանզի գիտեր, որ նա չի սիրում, երբ ինքը մարդկանց ներկայությամբ ծխում է։

Մենք տրամվայից իջանք Մաքս֊Հալբե֊պլացում, և մայրիկս, հակառակ իմ սպասումների, թևանցուկ արեց ոչ թե Յանին, այլ Մացերատին, Յանը քայլեց իմ կողքով․ նա, ձեռքիցս բռնած, տանում էր ինձ և ծխում մորս կիսատ թողած սիգարետը։

Կաթոլիկական հավատքի տնտեսուհիները Լաբեսվիգ փողոցում դեռ էլի թափ էին տալիս իրենց գորգերը։ Մինչ Մացերատը զբաղված էր կողպեքով, ես տեսա ֆրաու Քատերին, որն ապրում էր ծխնելույզ մաքրող Մայնի հարևանությամբ։ Նա կապտա֊կարմրագույն հզոր ձեռքերով փաթաթված, դարչնագույն գորգը պահում էր ուսի վրա։ Նրա թևատակերին փայլում էին աղի քրտինքից իրար կպած շիկահեր մազերը։ Գորգը կախվել էր առջևից ու ետևից։ Այդ նույն հաջողությամբ նա կարող էր ուսի վրայով գցել, տանել հարբած ամուսնուն, սակայն նրա ամուսինը վաղուց էր մահացել։ Երբ նա իմ կողքով փայլուն նրբադիտակից պատրաստված սև շրջազգեստի տակ տանում էր իր պարարտամարմնությունը, իմ քթին հարվածեցին նրա մարմնի գոլորշիները․ անուշադր, վարունգ, կարբոլաթթու՝ հավանաբար նրա մոտ դաշտան էր։

Շուտով բակից լսվեց գորգերի վրա փայտերով հարվածների այն համաչափ ձայնը, որն ինձ վազեցնում էր բնակարանում, այնպես էր ինձ հետապնդում, որ, ի վերջո, ես ստիպված էի թաքնվել մեր ննջասենյակի հագուստի պահարանի մեջ, քանի որ այնտեղ կախված ձմեռային վերարկուները խլացնում էին նախազատիկյան աղմուկների մեծ մասը։ Սակայն ես պահարանի մեջ միայն գորգեր թափ տվող ֆրաու Քատերից չէ, որ թաքնվում էի։ Դեռ չէին հասցրել Մայրիկը, Յանը և Մացերատը վրաներից դեն նետել իրենց վերարկուները, երբ արդեն վեճ սկսվեց Չարչարանաց ուրբաթ օրվա ճաշի առիթով։ Թեման միմիայն օձաձկներով չէր սահմանափակվում, գործին միացավ նաև իմ հանրահայտ աստիճաններով գլորվելը․ «Դու ես մեղավոր, դու ես ամեն ինչում մեղավոր, այ ես հենց հիմա օձաձկներից ապուր կեփեմ, և բավական է կոտրատվել, կարող ես եփել ինչ ուզես, միայն ոչ օձաձկները, կարծես թե մառանի պահածոները չեն բավարարում, դուրս բեր շիկասունկերով պահածոն, միայն թե հետո կափարիչը փակիր, որպեսզի կրկին դժբախտություն չպատահի։ Դե, հերիք եղավ միապաղաղ նույն բանը խոսես, ճաշին օձաձկներ են լինելու, և վերջ՝ կաթով, մանանեխով, կարտոֆիլով, և՛ դափնու տերև կդնենք այնտեղ, և՛ մեխակ, ոչ, բավական է, Ալֆրեդ, եթե նա չի ուզում, իսկ դու իմիջիայլոց, մի խառնվիր, մի՞թե ես իզուր եմ օձաձկները գնել։ Ես ինչպես հարկն է, դրանց փորոտիքը կհանեմ և ջրի մեջ կպահեմ, ոչ֊ոչ֊ոչ, այ այն ժամանակ, երբ ես դրանք սեղանի վրա կմատուցեմ, այն ժամանակ էլ մենք կտեսնենք՝ ով կուտի, իսկ ով՝ ոչ»։

Մացերատը իր ետևից շրխկացրեց հյուրասենյակի դուռը, անհետացավ խոհանոցում, և մենք լսեցինք, թե զարմանալիորեն որքան բարձր էր նա այնտեղ եփում֊թափում։ Օձաձկներին նա սպանում էր գլխի ետևում լայնակի կտրվածքի միջոցով, իսկ մայրիկս, որը չափից դուրս մեծ երևակայությամբ էր օժտված, իջավ թախտի վրա, ինչը նրանից հետո արեց նաև Յանը։ Եվ ահա նրանք արդեն բռնեցին իրար և սկսեցին կաշուբյան բարբառով շշնջալ։

Երբ մեծահասակները բնակարանում այդ կերպ տեղավորվեցին, ես դեռ պահարանի մեջ չէի նստել, այլ, ինչպես նրանք, նստել էի հյուրասենյակում։ Հաղճաղյուսե վառարանի մոտ դրված էր մանկական աթոռակ։ Ես թափ տվեցի ոտքերս՝ ինձ դնելով Յանի ուշադիր հայացքի տակ ու գերազանց հասկանալով, թե ինչ աստիճան եմ խանգարում երկուսին, չնայած հազիվ թե նրանք կարողանային զբաղվել որևէ լուրջ բանով, երբ թեկուզ այստեղից անտեսանելի, սակայն պատի ետևում լիովին իրական Մացերատը սպառնում էր կիսասատկած օձաձկով, որը թափ տալով վրա էր բերում, ինչպես մտրակը։ Նրանք փաթաթվեցին ձեռքերով, հոդերի մասում ճտտոցի աստիճան սեղմեցին իրենց բոլոր քսան մատները և այդ ճտտոցով ինձ վերջնականապես հանեցին համբերությունից։ Մի՞թե բավական չէին գորգին հասցրած Քաթերիխայի հարվածները։ Մի՞թե դրանք պատերի միջով բակից ներս չէին ներթափանցում, մի՞թե չէին մոտենում՝ չնայած դրանից ավելի բարձր չէին դառնում։

Օսկարը ցած սահեց իր աթոռակից, մի պահ վառարանի մոտ հապաղեց, որպեսզի իր հեռացումը չափից դուրս ցուցադրական չդիտվեր, այնուհետև, ամբողջապես իր թմբուկով զբաղված, անհետացավ ննջարանում։

Ցանկացած կարգի ձայներից խուսափելու նպատակով ես նույնիսկ ննջասենյակի դուռը կիսաբաց թողեցի և հաճույքով արձանագրեցի, որ ոչ ոք ինձ այդպես էլ ձայն չտվեց։ Ես դեռ որոշում էի, թե որտեղ ավելի լավ կլինի, որ Օսկարը մտնի՝ միգուցե մահճակալի տա՞կ կամ գուցե հագուստի պահարանի մե՞ջ։ Ես նախընտրեցի պահարանը, որովհետև մահճակալի տակ կարող էի կեղտոտել իմ կապույտ և շուտ կեղտոտվող կոստյումը։ Ես նաև կարողացա ձգվել֊հասնել բանալուն, այն պտտեցի, իրարից հեռացրեցի հայելու փեղկերը և թմբուկի փայտիկի օգնությամբ մի կողմ շարժեցի վերնաձողից կախված վերարկուներով և այլ ձմեռային հագուստներով կախիչները։ Ծանր կտորին դիպչելու և առավել ևս շարժելու համար ստիպված եղա ոտքերով կանգնել թմբուկի վրա։ Պահարանի մեջտեղում առաջացած խոռատը թեև մեծ չէր, սակայն բայց և այնպես բավականաչափ ընդարձակ էր, որպեսզի կարողանար ընդունել այնտեղ մտած ու պպզած֊նստած Օսկարին։ Ճիշտ է, ոչ առանց դժվարության, ինձ նույնիսկ հաջողվեց իմ ետևից փակել հայելապատ դռները, և փեղկերի միջև այնպես մտցնել շալը, որը հայտնաբերեցի պահարանի հատակին, որ առաջացավ մեկ մատի հաստությամբ ճեղք, որն ապահովում էր ինչպես դիտելու հնարավորությունը, այնպես էլ թարմ օդի հոսքը։ Թմբուկը ես դրեցի ծնկներիս, սակայն չսկսեցի թմբկահարել, նույնիսկ կամաց ձայնով՝ դա էլ չարեցի, այլ հակառակը, ձմեռային վերարկուների գոլորշիներին թույլ տվեցի պարուրելու ինձ և ներթափանցելու իմ մեջ։ Որքան լավ է, որ մենք ունեինք այդ պահարանը և ծանր, կարծես շնչող կտորները, որոնք թույլ էին տալիս գործի դնել իմ ողջ երևակայությունը։ Երևակայական պատկերների հարստությունը մի մեծ պարգև էր, որը ես աշխատում էի ընդունել զուսպ, հազիվ նկատելի ուրախությամբ։

Ինչպես յուրաքանչյուր անգամ, երբ ինձ հաջողվում էր կենտրոնանալ և ապրել իմ հնարավորությունների հետ խաղաղության մեջ, ես մտքերով տեղափոխվում էի բժիշկ Հոլլացի Բրունեհյոֆերվեգ փողոցում գտնվող ընդունարանը և նորովի էի վերապրում ամեն շաբաթվա չորեքշաբթի օրերի այցելությունների այն մասը, որն ինձ հրապուրում էր։ Այդ իսկ պատճառով իմ մտքերը սլանում էին ոչ այնքան դեպի բժիշկը, որքան դեպի նրա օգնականը՝ բուժքույր Ինգան։ Նրան էր թույլ տրվում ինձ հանվեցնել ու հագցնել, միայն նրան՝ չափել, կշռել, զննել ինձ, մի խոսքով բոլոր այն փորձառությունները, որոնք իմ գլխին սարքում էր բժիշկ Հոլլացը, քույր Ինգան կատարում էր շատ ճշգրիտ՝ չնայած ոչ առանց ափսոսանքի։ Դրանից հետո չարախինդ երանգավորումով զեկուցում էր հաջողությունների բացակայության մասին, ինչը բժիշկ Հոլլացն իր հերթին հայտնի հաջողություններ էր անվանում։ Քույրի հագուստի մաքուր օսլայված սպիտակության վրա, քույրական շորագլխարկի որակով, քաշից զուրկ կառուցվածքի վրա, համեստ, կարմիր խաչով զարդարված զարդի վրա հաճախ էր հանգստանում իմ հայացքը և մեկ֊մեկ թունավորվող թմբկահարի իմ սիրտը։ Որքան ուրախալի էր նրա քույրական հանդերձանքի դարսվածքների նոր ու նոր դասավորվածություններին հետևելը։ Իսկ կա՞ր, արդյոք, այդ դարսվածքների տակ մարմին։ Նրա ծերացող դեմքը, նրա կոպիտ ձեռքերը, չնայած փութաջան խնամքին, թույլ էին տալիս կռահել, որ քույր Ինգան, այնուամենայնիվ կին է։ Սակայն նրա մարմնական էությունը հաստատող հոտեր, հոտեր, որոնք օրինակ, ներկայացնու էր իմ մայրիկը, երբ Յանը կամ Մացերատը իմ աչքերի առաջ օգնում էին նրան հանել հագուստները, նման տիպի բուրմունքներ քույր Ինգան չէր արձակում։ Իսկ նրանից գալիս էր օճառի և հոգնածություն առաջ բերող դեղորայքի հոտ։ Քանի անգամ, մինչ նա զննում էր իմ փոքրիկ և ինչպես բոլորն էին կարծում, հիվանդ մարմինը, կարող էր ինձ ուժասպառ անել թեթև քունը, որը ծնվել էր սպիտակ կտորի դարսվածքներից, կարբոլաթթվի հոտով համակված քունը։ Քունը առանց երազների, այդ քնի մեջ գուցե միայն նրա զարդն էր, որ գնալով մեծանում էր Աստված գիտե, թե ինչ աստիճան՝ մինչև դրոշակների ծովի, մինչև Ալպերի ձյունածածկ բարձունքների վրա արևածագի արտացոլքի, մինչև վայրի կակաչի դաշտերի աստիճան։ Պատրաստվելով, Աստված գիտե, թե ինչի դեմ ապստամբության․ ընդդեմ հնդիկների, բալերի, քթից եկող արյունահոսությունների, աքլորի կատարների, արյան կարմիր գնդիկների կուտակման, մինչև որ տեսադաշտը լցվում էր կարմրությամբ, արժանի ֆոն ի հայտ բերելով ինչ֊որ մի կրքի համար, որն այն ժամանակ, հավասարապես ինչպես և այսօր, ինձ ներկայանում էր և ներկայանում է լիովին բնական, չնայած նրան անուն տալը շատ դժվար է, քանզի «կարմիր» բառը ինքնուրույնաբար ոչինչ չի նշանակում, քթից հոսող արյունը այստեղ ոչնչով չի օգնի։ Դրոշակների ալ կարմիրը ևս ժամանակի ընթացքում խամրում է, և եթե այնուամենայնիվ ասում եմ «կարմիր», այդ կարմրությունը ինձ չի ընդունում, կարմրությունն իր ծածկույթները շրջել է հակառակ երեսով։ Դեղին գույնը ինձ վախեցնում է, կապույտը՝ խաբում, ես կապույտին չեն հավատում, ինձ չի խաբում ու չի կանաչեցնում կանաչը, կանաչ է դագաղը, որի մեջ ես արածում եմ, կանաչն է ինձ ծածկում, կանաչի հետ ես ինքս սպիտակ եմ։ Դա ինձ կնքում է սև գույնով, իսկ սևը վախեցնում է ինձ դեղինով, իսկ դեղինը խաբում է կապույտի հետ, իսկ կապույտին ես չեմ հավատում, կանաչին, իսկ կանաչը ծաղկում է կարմրով, իսկ Ինգայի զարդը կարմիր գույնի էր։ Նա կրում էր կարմիր խաչ, ավելի ստույգ՝ կրում էր քույրական խալաթի հանովի օձիքի վրա, սակայն նույնիսկ հագուստի պահարանում ինձ հազվադեպ էր հաջողվում կանգ առնել բոլոր տպավորություններից այդ ամենամիագույնի վրա։

Հյուրասենյակից ներթափանցելով, բազմագույն աղմուկը խփվում էր իմ պահարանի դռներին և ինձ արթնացնում արդեն սկսված և քույր Ինգային ձոնված կիսաքնից։ Ես նստել էի լիովին կայտառ, ուռած լեզվով, թմբուկը ծնկներիս վրա, տարբեր գույներով ներկված վերարկուների միջև, շնչում էի մացերատյան կուսակցական համազգեստի հոտը, նստած էի կաշվե սուսերակալի գոտու, կարաբինի համար նախատեսված ծխնու հարևանությամբ։ Քույրական խալաթի սպիտակ ծալքերից այլևս ոչինչ չէի տեսնում, այստեղ վայր էր ընկնում բուրդը, այստեղ կախված էին բրդյա կտորներ, այստեղ վիլվետը ճմռթում էր ֆլանելին, իսկ իմ գլխավերևում վերջին տարիների նորաձև գլխարկների նմուշներն էին, իսկ ոտքերիս մոտ՝ կիսաերկարաճիտք կոշիկներ, կնոջ կոշիկներ, փայլեցված սրնքապաններ, պայտերով ու չպայտած կրունկեր։ Սենյակից ներս թափանցող լույսի երիզը թույլ է տալիս ինձ ամեն ինչ տեսնել․ Օսկարը ափսոսեց, որ պահարանի դռների արանքում ճեղքվածք էր թողել։ Դե, ինչ սպասեմ նրանցից, նրանցից, ովքեր նստած են հյուրասենյակում։ Ընդունենք, թե Մացերատը նրանց թախտի վրա բռնացրեց, ինչը հազիվ թե հնարավոր լինի, քանի որ Յանը միշտ, այլ ոչ միայն սկատ խաղալու ժամանակ, պահպանում էր զգուշության մնացորդները։ Հավանաբար, ինչպես դա ավելի ուշ պարզ դարձավ, Մացերատը հյուրասենյակի մեջտեղում գտնվող սեղանի վրա էր խոյացրել ապուրի մեծ կաթսան՝ օգտագործման համար պատրաստ կարտոֆիլի ապուրով, որը պատրաստված էր փորոտիքները մաքրված, խոնավահարված համեմունքներով եփված օձաձկներից։ Նա նույնիսկ թույլ էր տվել իրեն, քանի որ ոչ ոք սեղանի մոտ չէր նստել, գովաբանել իր եփած֊թափածը՝ թվարկելով բոլոր համեմունքները և բաղադրակազմի իմաստնությունները։ Մայրիկս գոռաց։ Կաշուբյան բարբառով, իսկ կաշուբյանը Մացերատը չէր հասկանում և տանել չէր կարողանում և, սակայն, ստիպված էր լսել և, հավանաբար, նաև հասկացավ, թե ինչ էր նա ասում․ խոսքը կարող էր լինել միայն օձաձկների մասին և ինչպես ամեն անգամ, երբ մայրիկս գոռում էր աստիճաններից իմ ընկնելու մասին, Մացերատը պատասխան տվեց։ Երկուսն էլ լավ էին յուրացրել իրենց դերերը։ Յանը ակնարկներ էր մատուցում։ Առանց նրա, հավանաբար, թատրոնը չէր ստացվի։ Եվ ահա, ի վերջո, երկրորդ արարը, դղրդյունով ետ է գցվում դաշնամուրի կափարիչը, առանց նոտաների, հիշողությամբ, ոտքերը զույգ ոտնակների վրա, ետ ընկնելով, առաջ վազելով, միաձուլվելով՝ «Կախարդական հրաձիգից» որսորդների երգչախմբի դրվագը՝ «Ինչը կարող է աշխարհի վրա ավելի չքնաղ լինել»։ Եվ ամենակենտրոնում, որտեղ «Էհեյ֊էհե֊հեյ»֊ն է, դղրդյունով ընկնում է դաշնամուրի կափարիչը՝ ոտքերը՝ ոտնակներից մի կողմ։ Շուռ է տված պտտվող աթոռակը, մայրիկս մոտենում է, ևս մի հայացք՝ հայելապատ դռներին, և ահա նա արդեն նետվեց, ես իմ ճեղքից ամեն ինչ կարող էի տեսնել, լայնակի նետվեց կապույտ ամպհովանու տակի ամուսնական մահճակալի վրա, հեծկլտում էր և նույնչափ բազմամատ կոտրում ձեռքերը, ինչպես դա անում էր մեղա եկող Մագթաղինացին ամուսնական ամրոցի գլխավերևի ոսկե շրջանակով գունավոր վիմատիպ կտավի մեջ։

Երկար ժամանակ ես կարող էի լսել մայրիկիս հեծկլտոցը, մահճակալի թեթև ճռճռոցը, ինչպես նաև հյուրասենյակից լսվող խուլ շշնջյունը։ Յանը հանգստացնում էր Մացերատին։ Մացերատը Յանին խնդրում էր հանգստացնել մայրիկիս։ Շշնջյունը կամաց֊կամաց սպառվեց, Յանը մտավ ննջասենյակ։ Արար երրորդ․ նա մի քիչ կանգնեց մահճակալի դիմաց՝ հայացքը մայրիկիս վրայից տեղափոխելով մեղա եկող Մագթաղինացու վրա և դեպի ետ։ Զգույշ նստեց եզրին, շոյեց փորի վրա պառկած մայրիկիս թիկունքը և հետույքը, սկսեց հանգստացնող տոնով խոսել կաշուբիներեն, և քանի որ բառերը նրա վրա այլևս չէին ազդում, ձեռքը մտցրեց նրա շրջազգեստի տակ, մինչև, ի վերջո, նա դադարեց հեծկլտալ, իսկ Յանը կարողացավ հայացքը մի կողմ տանել բազմամատ Մագթաղինացուց։ Արժեր տեսնել, թե ինչպես Յանը կատարած աշխատանքից հետո վեր կացավ, թաշկինակով սրբեց մատները և բարձրաձայն, սակայն արդեն ոչ կաշուբերեն, որպեսզի հյուրասենյակում կամ խոհանոցում գտնվող Մացերատը կարողանա լսել ու հասկանալ, արտաբերեց՝ ամեն մի բառը հստակորեն ընդգծելով։

― Դե, Ագնես, գնանք և մոռանանք այս պատմությունը։ Ալֆրեդը արդեն վաղուց օձաձկանը տարել է դուրս և զուգարանում խեղդել։ Իսկ մենք հիմա, յուրաքանչյուրս քառորդ պֆենինգ դնելով, մի լավ սկատ կխաղանք, ես դեմ չեմ, և երբ ամեն ինչ մնա ետևում, ու մենք հանգստանանք, Ալֆրեդը քեզ համար ձվով ու կարտոֆիլով սունկ կտապակի։

Մայրիկս ոչինչ չպատասխանեց, իջավ մահճակալից, ուղղեց դեղին մգդակած վերմակը, հայելապատ դռների առջև կրկին կարգի բերեց իր սանրվածքը և Յանի ետևից լքեց ննջասենյակը։ Ես աչքս ետ տարա ճեղքից և շուտով լսեցի, թե ինչպես են նրանք խառնում խաղաթղթերը։ Փոքրիկ, վախվորած ծիծաղ։ Մացերատը կիսեց խաղաթղթերը։ Յանը բաժանում է խաղաթղթերը, և սկսվեց սակարկությունը։ Իմ կարծիքով, Յանը Մացերատին առաջարկեց խաղը պատվիրել, սակայն վերջինս արդեն Յանի վրա փաս իջավ։ Այդ ժամանակ մայրիկս պատվերը բարձրացրեց մինչև երեսունվեցը, ինչից հետո երեքը ևս ստիպված եղավ անձնատուր լինել, և մայրիկս խաղարկեց գրանդը, որը քիչ էր մնում քամուն տար։ Հաջորդ խաղում հաղթեց Յանը՝ հեշտ ու հանգիստ, հասարակ ագուռի վրա, իսկ նրանից հետո մայրիկս պատվիրեց սիրտ և, չնայած դժվարությամբ, սակայն հաղթեց։ Հաստատ համոզվածություն ունենալով, որ ընտանեկան այս սկատը կշարունակվի մինչև ուշ գիշեր, սունկով ու տապակած կարտոֆիլով ձվածեղի համար մեկ անգամ շեղվելով՝ ես դադարեցի ուշադրություն դարձնել հետագա փուլերի վրա և նույնիսկ՝ առավել ևս, փորձեցի մտքերով վերադառնալ քույր Ինգային և նրա սպիտակ, քուն բերող հագուստներին։ Սակայն բժիշկ Հոլլացի մոտ իմ կատարվելիք այցերը մթագնվեցին։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ կանաչ, կապույտ, դեղին ու սև գույները մերթ ընդ մերթ ներխուժում էին կարմիր խաչի կարմիր գույնի մեջ, այլև այն պատճառով, որ անցած առավոտվա իրադարձությունները սեպի նման խրվեցին նույն տեղը։ Ամեն անգամ, երբ բացվում էր բժշկի ընդունարանի դուռը, դեպի քույր Ինգան, ինձ էր ներկայանում ոչ քույրական խալաթի մաքուր ու թեթև պատկերը․ ոչ, դա բեռնակիրն էր, որը Նոյֆարվասերի ծովապատնեշում նավարկության դիտանոցի տակ օձաձկներ էր դուրս քաշում թաց, կյանքով լի ձիու գլխից։ Իսկ այն, ինչը սպիտակ էր երևում, այն, ինչը ես կամենում էի վերագրել քույր Ինգային, պարզվեց՝ ճայերի թևերն էին, որոնք ինչ֊որ մի ակնթարթ խաբեությամբ ծածկել էին օձաձկներին՝ մինչև վերքը կրկին բացվեր։ Սակայն այն չէր արնահոսում՝ կարմիր գույն առաջացնելով, այլ հակառակը, ձին սև էր, ծովը՝ կանաչ֊շշագույն, ընդհանուր պատկերին մի քիչ ժանգագույն էր ավելացնում անտառափայտով բարձված «ֆիննը» և ճայերը, այլևս մի ասեք ինձ աղավնիների մասին, իրենց ամպով ծածկեցին զոհին, թևերի ծայրերը թացացրին և օձաձկներից մեկը վերևից նետեցին իմ քույր Ինգային։ Իսկ Ինգան ինքը դարձավ ճայ, ընդունեց կերպարը, ոչ, ոչ աղավնու, իսկ եթե նույնիսկ Սուրբ Հոգու, ապա միևնույն է, այն արտաքինով, որը ճայ է անվանվում և ամպի տեսքով թռչում է դեպի միսը ու տոնում Երրորդությունը։

Հրաժարվելով ուժերի լարումից՝ ես այն ժամանակ հրաժարվեցի նաև պահարանից, ներսից տհաճությամբ բացեցի հայելապատ դռները, դուրս եկա արկղից՝ ինձ հայելու մեջ տեսնելով, գտա որ ամենևին չեմ փոխվել։ Սակայն ուրախացա, որ ֆրաու Քաթերը գորգեր թափ տալը չի դադարեցրել։ Ճիշտ է, Չարչարանաց ուրբաթը Օսկարի համար ավարտվեց, սակայն մաքառումների միջով անցումը պետք է սկսվեր միայն Զատկից հետո։


Փոքրացում ոտնամասում

Միայն երբ օձաձկակիր ձիու գլխի ուրբաթը անցավ, միայն Զատկից հետո, որը մենք Յան Բրոնսկու ընտանիքի հետ մեկտեղ անցկացրեցինք գյուղական Բիսաուում, տատիկիս և Վինցենտ մորեղբորս մոտ, մայրիկիս համար ևս պետք է սկսվեր անցումը մաքառումների միջով։ Եվ այստեղ նույնիսկ մայիսյան սիրալիր եղանակը չէր կարող ոչնչով օգնել։

Ճիշտ չէ, որ Մացերատը կրկին մայրիկիս ստիպեց ձուկը ուտել։ Կինը իր մարմնի կառուցվածքի մասին այլևս հոգ չտանելով, իր հոժար կամքով Զատկից երկու շաբաթ անց խորհրդավոր անկշտությամբ սկսեց ձուկը այնպիսի չափաբաժիններով կլանել, որ Մացերատն ասաց․

― Էդ ո՞ւր ես այդքան ձուկ ուտում, կարծես ինչ֊որ մեկը քեզ ստիպելիս լինի։

Սակայն նա նախաճաշին՝ սկսելով յուղով սարդինաներից, մոտ երկու ժամ հետո, եթե կրպակում գնորդներ չէին լինում, հարձակվում էր բոնզակյան շպրոտներով նրբատախտակե արկղի վրա։ Ճաշի ժամանակ մանանեխի տապակած տափակաձուկ կամ ձողաձուկ էր պահանջում, իսկ ճաշից հետո արդեն նրան կարելի էր տեսնել պահածոյի դանակը ձեռքին․ օձաձուկ՝ դոնդողով, տապակած ծովատառեխ, իսկ երբ Մացերատը հրաժարվում էր ձուկ տապակել կամ մինչև ընթրիքի ժամը եփել, նա առանց ավելորդ բառեր ծախսելու, առանց կշտամբելու, ուղղակի հանգիստ վեր էր կենում իր տեղից ու վերադառնում կրպակից վերցրած մի կտոր ապխտած օձաձկով։ Դրանից բոլորիս ախորժակը փակվում էր, որովհետև նա դրսից ու ներսից քերում էր օձաձկների կաշու վրայի ողջ յուղը, և հիմա արդեն ձուկը միայն դանակի օգնությամբ էր ուտում։ Օրվա ընթացքում նա մի քանի անգամ ետ էր տալիս։ Անհանգստացած Մացերատը մոլորված տեսքով հարցնում էր․

― Ի՞նչն է բանը։ Ի դեպ, դու հո հղի չե՞ս։

― Հիմարություն դուրս մի տուր, ― պատասխանում էր մայրիկս, եթե ընդհանրապես որևէ բան էր պատասխանում։ Կոլյայչեկ տատիկը ևս, երբ կիրակի օրը, ճաշի ժամանակ մեզ կարտոֆիլով խաշած օձաձուկ մատուցեցին, և այդ ամենը լող էր տալիս հարված սերուցքի մեջ, ձեռքի ափով հարվածեծ սեղանին ու ասաց․

― Ագնես, դե բացատրիր, թե ի վերջո ի՞նչ է քեզ հետ կատարվում։ Ինչո՞ւ ես դու ձուկ ուտում, եթե դրանից սիրտդ խառնում է, և ինչու ոչ մի խոսք չես ասում ու քեզ չգիտեմ թե ում պես ես պահում։

Մայրիկս միայն գլուխը տարուբերեց, կարտոֆիլը հրեց մի կողմ, օձաձուկը թաթախեց սերուցքի մեջ և սկսեց ուտել՝ կարծես վարժեցված, կարծես նրան այդպիսի հանձնարարություն էին տվել։ Յան Բրոնսկին ոչինչ չէր ասում։ Երբ ևս մի անգամ նրանց երկուսին գտա թախտի վրա, նրանք, սովորության համաձայն, բռնել էին միմյանց ձեռքերը, և նրանց հագուստն էլ կարգին վիճակում չէր։ Սակայն ինձ ապշեցրին Յանի արցունքոտ աչքերը և մորս անտարբեր հայացքը, որը, սակայն, հանկարծ վերափոխվեց դրան հակառակ պահվածքի։ Նա տեղից թռավ, ինձ բռնեց փաթաթվեց, վեր բարձրացրեց՝ մի ակնթարթ իմ առջև բացելով այն խորխորատը, որն ամբողջությամբ չէր կարելի լցնել նույնիսկ տապակած, եփած, թթու դրած ու ապխտած ձկների սարերով։

Մի քանի օր անց ես կարող էին հետևել, թե ինչպես էր նա խոհանոցում վրա ընկնում ոչ միայն գրողի տարած սարդինաներին և թե ինչպես էր նույնիսկ բազմաթիվ հին տուփերից, որոնք պահել էր, յուղերը դատարկվում կերակրահյութ պատրաստելու փոքրիկ թավայի մեջ։ Դա տաքացնում էր գազօջախի վրա ու սկսում խմել, ինչից ցած ընկան իմ փայտիկները, երբ կանգնած էի խոհանոցի դռների մեջ։

Այդ նույն օրը երեկոյան մայրիկիս տեղափոխեցին քաղաքային հիվանդանոց։ «Շտապ օգնությանը» սպասող Մացերատը լաց ու կոծ էր դրել․

― Ախր, ինչո՞ւ դու երեխա չես ուզում։ Միևնույն չէ՞, թե նա ումից է։ Թե՞ քո այդ պահվածքի պատճառն այն հիմար ձիու գլուխն էր։ Եվ ինչի՞ համար մենք այնտեղ հայտնվեցինք։ Մոռացիր դա, Ագնես։ Ախր, ես դիտավորյալ չարեցի։

Մեքենան եկավ, մայրիկիս դուրս բերեցին, փողոցում հավաքվել էին երեխաներն ու մեծահասակները։ Մայրիկիս տարան, և ապագայում մենք պետք է տեղեկանայինք, որ մայրիկս չէր մոռացել ո՛չ ծովապատնեշը, ո՛չ ձիու գլուխը, և այդ ձիու մասին հիշողությունը, միևնույն է, թե ինչպես էին նրան անվանում՝ Հանս թե Ֆրից։ Նա տարավ ամենը իր հետ։ Նրա մարմնի մասերը հիվանդագին պարզությամբ հիշեցնում էին Չարչարանաց ուրբաթ օրվա զբոսանքի հնարավոր կրկնության վախից մահանալ։

Բժիշկ Հոլլացը պարզաբանումներ էր տալիս ատամոքսի և ձկնեղենից թունավորումների մասին։ Հիվանդանոցում բացահայտեցին, որ մայրիկս երեք ամսական հղիություն է տանում, և նրան տեղափոխեցին առանձին հիվանդասենյակ, որտեղ նա չորս օր շարունակ մեզ, ում թույլ էին տալիս նրան տեսակցել, ցուցադրում էր իր ողջ զզվանքը, իսկ ժամանակ առ ժամանակ՝ ջղաձգություններից տանջահար դեմքը։

Չնայած նա ձգտում էր իր այցելուներին փոքրիկ ուրախություններ պարգևել, ինչպես ես եմ այժմ ձգտում այցելությունների օրերին իմ ընկերների առջև խոր բավարարվածության զգացում պատկերել, սակայն անկարող էր դանդաղ նահանջող մարմինը ցնցող սրտախառնոցներին խանգարել, չնայած իր ներսից նա այլևս ոչինչ դուրս հանել չէր կարող՝ դժվար մահով հեռանալու ընթացքի չորրորդ օրը շնչառության մի պատառից բացի։ Այն, ինչը վերջում պետք է դուրս մղի յուրաքանչյուրը, որպեսզի մահվան վկայականի իրավունք ստանա։ Երբ մայրիկիս մեջ այլևս նրան այլանդակող մղումների պատճառներ չմնացին, մենք բոլորս թեթև շունչ քաշեցինք։ Հազիվ էր նա լվացված պառկել պատանքի մեջ, երբ մենք կրկին տեսանք նրա հարազատ, կլոր, պարզամիտ ու չարաճճի դեմքը։ Բաժանմունքի ավագ քույրը փակեց նրա աչքերը, քանի որ Մացերատը, ինչպես և Յան Բրոնսկին, արցունքներից լրիվ կուրացան։

Հատկապես այն պատճառով, որ մնացած բոլորը՝ տղամարդիկ ու տատիկս, Հեդվիգ Բրոնսկին ու Ստեֆանը, որը շուտով տասնչորս տարեկան կդառնար, լաց էին լինում, ես չէի կարողանում լաց լինել։ Դրանից բացի, անձամբ ինձ ամենևին չզարմացրեց մայրիկիս մահը։ Մի՞թե Օսկարին, որը հինգշաբթի օրերին նրան Հին քաղաք էր ուղեկցում, իսկ շաբաթ օրերին՝ Քրիստոսի Սիրտը եկեղեցի, չէր թվում, թե նա արդեն երկար տարիներ ջղաձգորեն միջոց է փնտրում իր հարաբերությունների եռանկյունին այն ձևով փոխել, որպեսզի Մացերատին, որին նա, հնարավոր է, ատում էր, բաժին հասներ իր մահվան մեջ մեղավորությունը։ Այն դեպքում, երբ Յան Բրոնսկին՝ նրա Յանը, կարող էր այսուհետ ևս ծառայել Լեհական փոստատանը, մտովի ասելով․ «Նա մահացավ հանուն ինձ, նա չէր ցանկանում կանգնել իմ ճանապարհին, նա իրեն զոհաբերեց»։

Բոլոր այն խորամանկություններով հանդերձ, որոնք, իրենց սիրո մահիճը պահպանելիս, կարողանում էին ցուցադրել ինչպես մայրիկս, այնպես էլ Յանը, նրանք միաժամանակ դրսևորում էին նաև ռոմանտիկայի հանդեպ իրենց հակումը։ Ցանկության դեպքում նրանց մեջ կարելի է տեսնել Ռոմեոյին ու Ջուլիետին կամ, եթե կուզեք, երկու թագավորական երեխաների, որոնք ըստ սյուժեի, ոչ մի կերպ չէին կարող հանդիպել, քանի որ ջուրը չափազանց խորն էր։ Մինչ մայրիկս, որը հասցրել էր ժամանակին հաղորդակից դառնալ Սուրբ գաղտնիքներին, հիմիկվանից ի վեր ցանկացած հուզումների հանդեպ սառն էր ու խորթ, եկեղեցականի աղոթքի տակ պառկած էր, ես իմ մեջ ոչ միայն ժամանակ, այլև հնար գտա քույրերին հետևելու համար, որոնք մեծ մասամբ դավանում էին բողոքական հավատքին։ Նրանք ձեռքերը այնպես չէին ծալում, ինչպես դա կաթոլիկներն էին անում, «Հայր մերը» կարդում էին ես կասեի, ավելի մեծ վստահությամբ, կաթոլիկական բնական տեքստից որոշակի շեղումներով։ Եվ խաչով չէին խաչակնքվում, ինչպես դա օրինակ, անում էին Կոլյայչեկ տատիկս, Բրոնսկու ողջ ընտանիքը, ինչպես և ես ինքս։ Իմ հայր Մացերատը, տվյալ դեպքում նրան կանվանեմ այդպես, չնայած ես վստահ չեմ, որ հատկապես նա է բեղմնավորել ինձ, բողոքականը, տարբերվում էր մյուս բողոքականներից, որովհետև աղոթքի ժամանակ ձեռքերը կրծքի դիմաց չէր ծալում։ Ընդհակառակը, միմյանց կցած մատները պահելով մոտավորապես պատճառական տեղի մակարդակի վրա, կարծես թե անցում էր կատարում մի կրոնից դեպի մյուսը և ակնհայտորեն անհարմար էր զգում իր աղոթքից։ Տատիկս իր Վինցենտ եղբոր հետ ծնկի էր իջել մահվան մահճի դիմաց, կաշուբյան բարբառով աղոթում էր բարձր ու անընդգրկելի հայացքով, այն դեպքում, երբ նրա եղբայր Վինցենտը միայն շրթունքներն էր շարժում, պետք է ենթադրել՝ լեհերեն լեզվով։ Դրա փոխարեն աչքերը մինչև սահմանը բացել էր հոգևոր տենչանքների տեսարանի վրա։ Ես թմբկահարելու ցանկություն ունեի։ Վերջ ի վերջո դա ես նրան՝ իմ խեղճ մայրիկին էի պարտական բազմաթիվ կարմրասպիտակ թմբուկների համար։ Դա նա չէր, որ ի հակակշիռ Մացերատի ցանկությունների, իմ օրորոցի վրա դրեց թմբուկի խոստումը՝ դրան ավելացրած ժամանակ առ ժամանակ հենց նրա գեղեցկությունն էր, երբ նա դեռ սլացիկ էր ու մարմնամարզության չէր վազում, իմ թմբուկի համար որպես թեմա ծառայում։ Վերջին ժամանակներում ես այլևս չէի կարողանում ինձ զսպել․ այն սենյակում, որտեղ մահանում էր իմ մայրիկը, ես ևս մեկ անգամ թմբուկի վրա արտացոլեցի նրա մոխրագույն աչքերի հմայքների կատարյալ կերպարը և ծայրաստիճան զարմացա, որ դրան անմիջապես հետևած ավագ բուժքրոջ բողոքը հենց Մացերատը սանձեց, որ նա անցավ իմ կողմը շշնջալով․

― Հանգիստ թողեք նրան, բուժքույր․ չէ՞ որ նրանք այնքան էին սիրում իրար։

Մայրիկս կարող էր շատ ուրախ լինել։ Մայրիկս կարող էր արագ մոռանալ։ Սակայն մայրիկս լավ հիշողություն ուներ։ Մայրիկս ջրի հետ դուրս շփեց նաև ինձ, և հենց ինքն էլ ինձ հետ նստել էր նույն լոգարանի մեջ։ Երբեմն ես կորցնում էի մորս, սակայն նրա պահապանը քայլում էր նրա կողքով։ Եթե ես երգելով կոտրում էի ապակիները, մայրիկս ծեփան էր փոխանցում։ Լինելով անարդարացի՝ նա հաճախ կանգնում էր իր ասածի վրա՝ չնայած շուրջբոլորը, նստելու համար, շատ աթոռներ կային։ Նույնիսկ երբ մայրս կոճկված էր բոլոր կոճակներով, ինձ համար մնում էր բաց։ Մայրիկս վախենում էր միջանցիկ քամիներից, սակայն մերթ ընդ մերթ փոթորիկ էր բարձրացնում։ Նա ապրում էր ծախսերի հաշվին և կանխիկ վճարումներ չէր սիրում։ Ես նրա խաղաթղթերի կապուկի վերին խաղաթղթի աստառն էի։ Երբ մայրս խաղը սկսում էր փոսիկից, միշտ հաղթում էր։ Երբ մայրս մահացավ, իմ թմբուկի կողապատի կրակի կարմիր լեզվակները որոշ չափով խամրեցին, սակայն դրա փոխարեն սպիտակ լաքը դարձավ առավել և այն աստիճան կուրացուցիչ, որ երբեմն հենց Օսկարն էր ակամայից աչքերը կկոցում։

Հակառակ նրա մի քանի անգամ արտահայտած ցանկությանը՝ մայրիկիս թաղեցին ոչ թե Զասպեի գերեզմանատանը, այլ Բրենտաուի փոքրիկ խաղաղ գերեզմանոցում։ Այնտեղ էր թաղված նաև տասնյոթ թվին մահացած նրա խորթ հայրը՝ վառոդագործ Գրեգոր Կոլյայչեկը։ Թաղման թափորը, ինչը լիովին բնական է, երբ թաղում էին բոլորի կողմից սիրված կրպակի տիրուհուն, բավականին երկար էր ձգվում, նրա մեջ էին ոչ միայն մշտական հաճախորդների, այլև տարբեր ձեռնարկությունների առևտրական միջնորդների և նույնիսկ մրցակից կողմի ներկայացուցիչների դեմքերը, ինչպես օրինակ, գաղութային ապրանքների առևտրական Վայենբախը և Հերտաշտրասեի մթերային կրպակից ֆրաու Պրոբստը։ Գերեզմանատան մատուռը նույնիսկ չկարողացավ տեղավորել այս ողջ ամբոխին։ Ծաղիկների հոտ էր գալիս, սև կոստյումներից նաֆթալինի հոտ էր գալիս։ Դագաղի մեջ խեղճ մայրիկս դեղին ու տանջված դեմք ուներ։ Երկար արարողությունների ողջ ընթացքում ես չկարողացա զգացմունքից հրաժարվել․ ահա հիմա նրա գլուխը արագ կբարձրանա վեր ու նրա սիրտը կրկին կխառնի, նրա մարմնի մեջ դեռ էլի ինչ֊որ բան է մնացել, և այդ ինչ֊որը ցանկանում է դուրս գալ․ ոչ միայն երեք ամսական պտուղը, որն ինձ պես չգիտեր, թե որ հորն էր պարտական լինելու իր կյանքի համար։ Ոչ միայն նա էր ուզում դուրս գալ և Օսկարի նման պահանջել, որ իրեն թմբույ նվիրեն, ոչ, այնտեղ կա նաև ձուկ, իհարկե ոչ սարդինաներ յուղի մեջ, տափակաձկան մասին ես խոսել անգամ չեմ ուզում, ոչ, իմ կարծիքով, այնտեղ դեռ կա օձաձկան մի կտորը, օձաձկան մսից մի քանի սպիտակականաչ հյուսվածք։ Սկագերակի ծովային մենամարտի օձաձկից, Նոյֆարվասերի ծովապատնեշի մոտի օձաձկից, Չարչարանաց ուրբաթի օձաձկից, օձաձկից, որը դուրս է եկել ձիու գլխից, հնարավոր է նույնիսկ նրա օձաձուկ հայր Յոզեֆ Կոլյայչեկից, որն ընկավ լաստերի տակ և դարձավ ավար օձաձկների համար․ օձաձուկ ես դու և օձաձկան կվերադառնաս։

Սակայն սրտխառնոցի նոր բռնկում տեղի չունեցավ, և նա որոշեց օձաձկանը իր հետ տանել գետնի տակ, որպեսզի ի վերջո հանգիստ ձեռք բերի։

Երբ տղամարդիկ բարձրացրին դագաղի կափարիչը, որպեսզի ծածկեն խեղճ մայրիկիս դեմքը, որը միաժամանակ լի էր և՛ վճռականությամբ, և՛ զզվանքով, Աննա Կոլյայչեկը բռնեց տղամարդկանց ձեռքերից, այնուհետև, տրորելով դագաղի առջևի ծաղիկները, ընկավ աղջկա մարմնի վրա և լաց եղավ, պատառոտեց թանկարժեք պատանքը և բարձր գոռում էր կաշուբերեն։

Հետագայում շատերն ասում էին, որ նա անեծքների մեջ թաղեց իմ ենթադրյալ հայր Մացերատին և նրան անվանեց իր աղջկան սպանող։ Առանց հիշատակման չմնաց նաև իմ մառան ընկնելը։ Նա ժառանգել էր իմ մայրիկի հնարագիտությունը և Մացերատին թույլ չտվեց մոռանալ իր ենթադրյալ մեղքի և իմ ենթադրյալ դժբախտության մասին։ Նա հետագայում ևս չէր դադարում նրան մեղադրել, թեպետ նա, չնայած բոլոր քաղաքական փոփոխություններին, գրեթե կամքին հակառակ, հարգում էր նրան և պատերազմի ժամանակ օգնում էր նրան շաքարով ու արհեստական մեղրով, սուրճով ու կերոսինով։

Կանաչի վաճառող Գրեֆը և Յան Բրոնսկին, որը լալիս էր բարձր բարակ ձայնով, իմ տատիկին դագաղից մի կողմ տարան։ Ի վերջո տղամարդիկ կարող էին փակել կափարիչը և ընդունել դեմքի այն արտահայտությունը, որը նրանք ընդունում էին միշտ, երբ նախապատրաստվում են դագաղը տանել։ Բրենտաուի կիսագյուղական գերեզմանատունն ուներ երկու մաս՝ մեկը ծփնու ծառուղու այն կողմում, որտեղ կանգնած էր մատուռը, որն ավելի շատ ներկայացման համար պատրաստված շինություն էր հիշեցնում, իսկ մյուս մասում կար կռունկով ջրհոր և աշխույժ թռչուններով լի՝ փոցխերով մաքրված ծառուղի։ Մացերատի ետևից ընթանում էր սգո թափորը, և ես առաջին անգամ զմայլվեցի դագաղի կառուցվածքով։ Կյանքում դեռ շատ անգամ հնարավորություն կընձեռվի հայացքով սահել սև, շագանակագույն երանգով փայտի վրայով, որն օգտագործում են վերջին անհրաժեշտության համար։ Իմ խեղճ մայրիկի դագաղը սև գույն էր և զարմանալի ներդաշնակությամբ նեղանում էր ոտնակողմի մոտ։ Կգտնվի՞, արդյոք, ողջ աշխարհում մեկ այլ կառուցվածք, որը նույնչափ հաջող համապատասխանի մարդու մարմնի համաչափություններին։

Ախ, եթե մահճակալը ևս այդպես նեղանար ոտնակողմի մոտ։ Եվ մեր բոլոր, ինչպես սովորական, այնպես էլ պատահական անկողինները նույնչափ ոչ երկիմաստ նեղանային դեպի ոտքերը։ Քանզի որքան էլ որ մենք մեր ոտքերը լայն բացենք, վերջին հաշվով մեր ոտքերին բաժին է հասնում միայն այս նեղ հիմքը, և սկսած այն լայնությունից, որն իր համար պահանջում է գլուխը, ուսերը և մարմինը, դագաղը ոտքերի մոտ դառնում է ավելի և ավելի նեղ։

Մացերատը գնում էր անմիջապես դագաղի ետևից։ Գլանագլխարկը նա տանում էր ձեռքի մեջ և, չնայած մեծ ողբին, ամեն մի դանդաղ քայլ անելիս աշխատում էր ուղղել ծունկը։ Ամեն անգամ, երբ իմ հայացքը ընկնում էր Մացերատի ծոծրակի վրա, ես նրա հանդեպ խղճահարություն էի զգում․ դուրս ցցված ծոծրակ և երկու հաստ ջիղ, որոնք վեր էին աճում նրա օձիքի տակից և հասնում մինչև մազերի եզրերը։

Ինչո՞ւ իմ ձեռքը բռնեց ոչ թե Գրեթխեն Շեֆլերը և կամ Հեդվիգ Բրոնսկին, այլ մայրիկ Տրուչինսկին։ Նա ապրում էր մեր տան երրորդ հարկում, իսկ անուն, նա պետք է ենթադրել, չուներ, որովհետև նրան ամենուր այդպես էլ անվանում էին՝ Տրուչինսկի մայրիկ։

Դագաղի վերևում՝ Նորին բարեկրոնություն Վիլկեն է իր փոքրավորների ու խնկի հետ։ Իմ հայացքը Մացերատի ծոծրակի վրայից տեղափոխվեց այն մարդկանց ծալածածկ ծոծրակներին, ովքեր տանում էին դագաղը։ Առաջիկայում ես պետք է իմ մեջ զսպեի վայրի ցանկությունս․ Օսկարը ցանկանում էր թռչել դագաղի վրա։ Նա ցանկանում էր նստել դագաղի կափարչի վրա և թմբկահարել։ Ոչ թիթեղի վրա՝ Օսկարը ուզում էր իր փայտիկներով թխկթխկացնել կափարչին։ Երբ նրանք, դագաղը տանելիս, օրորվում էին, Օսկարը ցանկանում էր առաջադրել ռիթմը։ Երբ նրանք տախտակների ու ճոպանների օգնությամբ այն իջեցնում էին փոսի մեջ, Օսկարը, ծառի վրա հեծած, ցանկանում էր պահպանել հանգստությունը։ Քարոզների, զանգակների, խունկի և սուրբ ջրի ընթացքում նա ցանկանում էր փայտե կափարչի վրա թմբկահարել ողջ լատիներենը և սպասել այնքան, մինչև նրանք ճոպանների օգնությամբ իրեն կիջեցնեն գերեզման։ Օսկարը ուզում էր լինել այնտեղ մայրիկի և սաղմի հետ։ Լինել ներքևում, երբ վերևում մնացածները կսկսեն այնտեղ բռերով հող նետել։ Վերև բարձրանալ չէր ուզում Օսկարը, այլ նստել նեղ ծայրին ու թմբկահարել, եթե հաջողվի, թմբկահարել նույնիսկ գետնի տակ այնքան ժամանակ, քանի դեռ փայտիկները իր ձեռքերից վայր չեն ընկել։ Մինչև որ մայրիկը հանուն իրեն, մինչև որ ինքը, հանուն նրա, մինչև որ բոլորը հանուն միմյանց չեն նեխի, իրենց մարմինը հողին և նրա բնակիչներին չեն հանձնի։ Նույնիսկ մատների ոսկորներով Օսկարը մեծագույն հաճույքով կթմբկահարեր սաղմի նուրբ կռճիկների համար, եթե դա լիներ հնարավոր, եթե դա լիներ թույլատրելի։ Սակայն ոչ ոք կափարչի վրա նստած չէր։ Չծանրաբեռնված դագաղը ծածանվում էր Բրենտաուի գերեզմանոցի ծփիների ու լացող ուռենիների տակ։ Փոքրավոր խայտաբղետ հավերը գերեզմանների միջև որդեր էին որոնում, ցանելը չէին ցանում, սակայն հավաքում էին շտեմարանների մեջ։ Հետո կեչիների միջև։ Ես Մացերատի ետևում եմ, իմ ձեռքից բռնել է Տրուչինսկի մայրիկը, անմիջապես իմ ետևում իմ տատիկն է, նրան տանում էին Գրեֆը և Յանը։ Վինցենտ Բրոնսկին՝ Հեդվիգի հետ թևանցուկ, փոքրիկ Մարգան ու Ստեֆանը միմյանց ձեռք բռնած՝ Շեֆլերների դիմաց։ Ժամագործ Լաուբշադը, ծեր պարոն Հայլանդը, Մայնը՝ շեփորահարը, սակայն առանց շեփորի և նույնիսկ որոշ չափով սթափ։

Երբ ամեն ինչ ավարտվեց, և մարդիկ սկսեցին ցավակցություն հայտնել, ես նկատեղի Սիգիզմունդ Մարկուսին։ Սև ու շփոթված՝ նա միացավ բոլոր նրանց, ովքեր ձեռք էին տալիս Մացերատին, ինձ, իմ տատիկին և Բրոնսկիների ընտանիքին և ինչ֊որ բան էր ուզում փնթփնթալ։ Սկզբում ես նույնիսկ չհասկացա, թե ինչ էր Ալեքսանդր Շեֆլերը պահանջում Մարկուսից։ Նրանք հեռու ծանոթներ էին, եթե ընդհանրապես ծանոթ էին։ Այնուհետև խաղալիքների կրպակատիրոջ հետ սկսեց խոսել նաև երաժիշտ Մայնը։ Նրանք կանգնել էին ոչ բարձր բնական ցանկապատի մյուս կողմում, որն այն կանաչ բանից էր, որը, եթե այն քսում էս մատներիդ արանքներին, կեղտոտում է ձեռքերդ և կծու համ ունի։ Ֆրաու Քատերը թաշկինակի տակ թաքցրած իր քմծիծաղով և չափից շուտ հասունացած Սյուզի անունով աղջկա հետ հիմա ցավակցում են Մացերատին և չկարողացան իրենց զրկել գլուխս շոյելու հաճույքից։ Ցանկապատի ետևի ձայները դարձան ավելի բարձր՝ մնալով նույնքան անհասկանալի։ Շեփորահար Մայնը ցուցամատով խեթկում էր Մարկուսին և հրում նրան իր դիմաց, հետո նրան ձախից թևացուկ անելով, ինչպես Շեֆլերը՝ աջից, երկուսն էլ, ուշադիր հետևելով այն բանին, որպեսզի Մարկուսը՝ թիկունքով առաջ շարժվելով, չսայթակի գերեզմանների ցանկապատներին դիպչելով, դուրս տարան նրան դեպի գերեզմանատան ծառուղին և Սիգիզմունդին ցույց տվեցին, թե որտեղ են գերեզմանոցի դարպասները։ Վերջինս կարծես թե շնորհակալություն հայտնեց արժեքավոր տեղեկության համար ու շարժվեց դեպի ելքը, նույնիսկ գլխարկը դրեց գլխին, իսկ ետ նայել չցանկացավ, չնայած և՛ Մայնը, և՛ հացթուխը նայում էին նրա ետևից։

Ո՛չ Մացերատը, ո՛չ Տրուչինսկի մայրիկը չնկատեցին, որ ես հեռացա նրանցից ու ցավակցություն հայտնողներից։ Այնպիսի տեսք ընդունելով, իբր իրեն ինչ֊որ տեղ պետք է գնալ, Օսկարը գերեզմանափորի ու նրա օգնականի կողքով գնաց ետ֊ետ, հետո վազեց մինչև ծփնիները և դեռ մուտքի դիմաց հասավ նաև Սիգիզմունդին։

― Օսկա՞ր, ― զարմացավ Սիգիզմունդը, ― ասա, խնդրեմ, ի՞նչ են նրանք ուզում Մարկուսից։ Ի՞նչ է արել նա իրենց, ինչո՞ւ են նրանք այդպես անում։

Ես գիտեի, թե ինչ էր արել Մարկուսը, ես բռնեցի նրա քրտնած ձեռքից, նրան անցկացրի չուգունե բաց դարպասների միջով, և մենք երկուսս՝ իմ թմբուկների պահապանն ու ես՝ թմբկահարս, դեմ եղանք Լեո Խենթուկին, որը մեզ պես հավատում էր դրախտի գոյությանը։

Մարկուսը Լեոյին գիտեր, որովհետև Լեոն ընդհանրապես քաղաքում ճանաչված անձ էր, իսկ ես նրա մասին լսել էի։ Լսել էի, որ Լեոն, երբ դեռ սեմինարիայում սովորող էր, մի հրաշալի արևոտ օր այն աստիճան խենթացավ աշխարհից՝ Սուրբ Պարգևներից, կրոնադավություններից, երկնքից ու դժոխքից, կյանքից ու մահվանից, որ աշխարհի վերաբերյալ իր սեփական պատկերացումները դարձան ցնորամիտ, բայց անբասիր ամբողջական։

Լեո խենթուկի զբաղմունքը կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր թաղումից հետո, իսկ նա տեղեկացված էր բոլորի մասին, իր սև շողշողացող, չափից դուրս ազատ հագուստով ու սպիտակ ձեռնոցներով, ճամփին կանգնած, սպասեր սգո թափորին։ Մարկուսը, ինչպես և ես, հասկացավ, որ գերեզմանոցի չուգունից ձուլված դարպասների մոտ նրան բերել են, այսպես ասած, մասնագիտական պարտականությունները, և նա խոր ցավակցություն արտահայտող ձեռնոցներով, կանգնել է այստեղ՝ վեր չռելով ջրագույն աչքերը և հոգոց հանելով թափորին ընդառաջ։

Մայիսի կեսն է, պարզ արևային օր։ Ցանկապատներն ու ծառերը պատված են թռչուններով։ Հավերը կչկչում են՝ իրենց ձվերի միջոցով խորհրդանշելով անմահությունը։ Օդում տզզոց է։ Թարմ կանաչ գույն՝ առանց փոշու։ Լեո Խենթուկը, իր քրքրված գլխարկը ձախ ձեռքում բռնած, այն, որը ձեռնոցով է, թեթև պարելով, քանզի իսկապես էլ պատժված է ողորմածությամբ, դուրս եկավ մեր դիմաց, ինձ ու Մարկուսին մեկնելով բորբոսահոտ արձակող ձեռնոցի մեջ ցցված հինգ մատները։ Եվ կարծես քամու տակ ծածանվելով, չնայած օդում փոքրագույն քամի անգամ չկար, խորացավ մեր դիմաց, գլուխը սեղմեց ուսին և ինչ֊որ անհասկանալի բան էր փնթփնթում, մինչև որ Մարկուսը՝ սկզբում անվստահ, հետո վստահ, իր մերկ ձեռքը դրեց ճարպիկ ձեռնոցի մեջ։

― Ինչ հրաշալի օր է։ Իսկ նա արդեն այնտեղ է, որտեղ ամեն ինչ էժան է։ Դուք չե՞ք տեսել Տիրոջը։ Դեպի Տերը։ Նա անցավ մեր կողքով, և նա շտապում էր։ Ամեն։

Մենք ասացինք «ամեն», Մարկուսը համաձայնվեց Լեոյի հետ, որ օրն իսկապես էլ լավն է և խոստովանեց, որ նույնպես տեսել է Աստծուն։

Թիկունքում մենք լսեցինք թաղման թափորի մոտեցող տզզոցը։ Մարկուսը իր ձեռքը ազատեց Լեոյի ձեռնոցի միջից, դեռ ժամանակ գտավ մանր դրամ տալու, ինձ վրա նետեց իր մարկուսյան հայացքը և, հալածված, արագ քայլեց դեպի տաքսին, որը Բրենտաուի փոստատան դիմաց սպասում էր նրան։

Ես դեռ հայացքով ուղեկցում էի փոշու ամպը, որն ինձանից ծածկեց անհետացող Մարկուսին, երբ Տրուչինսկի մայրիկը արդեն խլեց իմ ձեռքը։ Նրանք վերադառնում էին մեծ ու փոքր խմբերով։ Լեոն բոլորին հայտնում էր իր ցավակցությունը՝ հասարակությանը տեղեկացնելով, որ այսօր հրաշալի օր է, ամեն մեկին հարցնում, տեսե՞լ է նա, արդյոք, Աստծուն, իսկ ի պատասխան, ինչպես միշտ, ստանում մանր ու մեծ դրամներ կամ ոչինչ։ Մացերատն ու Յան Բրոնսկին վճարեցին փոխադրողներին, գերեզմանափորներին, փոքրավորին ու նորին բարեկրոնությանը, որը ոչ առանց շփոթված ներշնչումի Լեո Խենթուկին թույլ տվեց համբուրել իր ձեռքը, որից հետո իր այդ համբուրված ձեռքով օրհնության շարժումներ հղեց հեռացող հասարակությանը։

Իսկ մենք՝ իմ տատիկը, նրա եղբայր Վինցենտը, Բրոնսկու ընտանիքը՝ երեխաներով, Գրեֆը՝ առանց կնոջ և Գրեթխեն Շեֆլերը, տեղավորվեցինք հասարակ կտորով պատված երկու ավտոֆուրգոնների մեջ, մեզ, Գոլդկրուտի պանդոկի մոտով, անտառի միջով, մոտակա լեհական սահմանի միջով տարան Բիսաու֊Աբբաու հոգեհացի։

Վինցենտ Բրոնսկու բակը ընկած էր ձորակի մեջ։ Նրա դիմաց աճում էին բարդիներ, որպեսզի կայծակի հարվածի առաջը առնեն։ Դարպասները հանել էին ծխնուց, դրել փայտե իշոտնուկի վրա, իսկ վերևից ծածկել սփռոցով։ Իրար ետևից եկան նաև այլ մարդիկ հարևան բակերից։ Ուտելու վրա շատ ժամանակ գնաց։ Մենք նստել էինք հենց դարպասների դռնախորշի մեջ։ Ուտելիքը յուղոտ էր, հետո քաղցր․ հետո նորից յուղոտ, կարտոֆիլի շնապս, գարեջուր, սագ ու խոճկոր, թխվածքներ երշիկի հետ, քացախով ու շաքարով թթու դրած դդում, հատապտղի դոնդող թթվասերով։ Երեկոյան մոտ խրձանոցի միջով սկսեց փչել թեթև քամին, խշխշացնում էին Բրոնսկիների մկներն ու երեխաները, որոնք հարևան տների թոկից փախածների հետ պատել էին բակը։

Կերոսինե լամպերի հետ մեկտեղ սեղանին մատուցեցին խաղաթղթերը։ Շնապսը այդպես էլ մնաց նրա վրա։ Եվ դրան գումարած՝ նաև սեփական արտադրության ձվի լիկյորը։ Լիկյորից բոլորի տրամադրությունը բարձրացավ։ Գրեֆը, որը չէր խմում, սկսեց երգեր երգել։ Կաշուբները ևս երգում էին, իսկ Մացերատը սկսեց բաժանել խաղաթղթեր։ Յանը երկրորդն էր, իսկ աղյուսի գործարանի կապալառուն՝ երրորդը։ Միայն այստեղ նկատեցի, որ իմ խեղճ մայրիկը չկա։ Խաղացին մինչև ուշ գիշեր, սակայն տղամարդկանց ոչ մեկին չհաջողվեց փոսիկով հաղթել առանց ետգնման։ Երբ Յանը ինձ համար անհասկանալի ձևով չխաղաց առանց չորսի փոսիկով, ես լսեցի, թե ինչպես է նա Մացերատին շշնջում․

― Իսկ ահա Ագնեսան հաստատ կհաղթեր։

Այդ պահին ես ցած թռա Գրեթխենի ծնկներից, բակում փնտրեցի գտա տատիկիս ու նրա եղբայր Վինցենտին։ Նրանք երկուսով կողք֊կողքի նստած էին ծանր կողափայտի վրա։ Վինցենտը լեհերեն կիսաձայն աղերսում էր աստղերին։ Տատիկս արդեն չէր կարողանում լաց լինել, սակայն թույլ տվեց ինձ մտնել իր շրջազգեստի տակ։

Իսկ այժմ ո՞վ կվերցնի ինձ իր շրջազգեստի տակ։ Ո՞վ ինձնից կփակի օրվա լույսն ու լամպի լույսը։ Ո՞վ ինձ կվերադարձնի այն հալվող դեղին, փոքր֊ինչ կծվահամ յուղը, որը, որպեսզի ինձ լրացուցիչ սնունդ տա, տատիկս կուտակում էր իր շրջազգեստի տակ։ Պահում էր ու առիթի դեպքում դնում իր դիմաց, որպեսզի օգտավետ լինի, որպեսզի ինձ դուր գա։

Ես քնեցի չորս շրջազգեստների տակ, իմ խեղճ մայրիկի ակունքներից ոչ հեռու, և ինձ համար նույնչափ լուռ էր, չնայած ոչ այդչափ անշունչ, ինչպես նրա համար՝ արկղի մեջ, որը ոտքերի մոտ նեղանում էր։


Հերբերթ Տրուչինսկու թիկունքը

Ասում են, թե աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել մորը։ Շատ շուտով, թաղումից հետո ես սկսեցի զգալ իմ խեղճ մայրիկի պակասությունը։ Վերացան Սիգիզմունդ Մարկուսի մոտ հինգշաբթի օրերի այցելությունները։ Այլևս ոչ մեկը ինձ քույր Ինգայի սպիտակ խալաթի հետ հանդիպումների չէր տանում, սակայն մորս մահվան մասին ինձ առավել հիվանդագին հիշեցնում էին շաբաթ օրերը․ նա այլևս խոստովանության չէր գնում։

Կարճ ասած, ես մնացի առանց Հին քաղաքի, առանց բժիշկ Հոլլացի ընդունարանի, առանց Քրիստոսի Սիրտը եկեղեցու։ Ես կորցրի հետաքրքրությունը ցույցերի հանդեպ։ Ինչպես կարող էի ես գրավելով ցուցափեղկերի մոտ բերել անցորդներին, եթե նույնիսկ գայթակղիչի մասնագիտությունն էր Օսկարի համար դարձել անհամ և կորցրել իր գրավչությունը։ Այլևս չկար այն մայրը, որն ինձ կտաներ Քաղաքային թատրոն՝ ամանօրյա հիքիաթի ներկայացման, Կրոնի կամ Բուշի կրկեսը։ Չնայած մռայլ, սակայն պարբերաբար ես շարունակում էի գնալ միայն պարապմունքների, հուսահատ դանդաղ քայլում էի արվարձանի փողոցներով մինչև Քլայնհամմերվեգ, մտնում Գրեթխեն Շեֆլերի մոտ, դեպի կեսգիշերյան արեգակի երկիր կազմակերպած ճամփորդությունների մասին։ Իսկ ես այդ ընթացքում Գյոթեին անշեղորեն համեմատում էի Ռասպուտինի հետ, համեմատում ու ոչ մի կերպ չէի կարողանում կանգ առնել ու մեծ մասամբ այդ մռայլ ճառագող շրջապտույտից փրկվում էի՝ հեռանալով պատմության պարապմունքների մեջ։ Ճակատամարտ Հռոմի համար, Դանցիգ քաղաքի կայսերական պատմությունը, քյոլլերյան ծովային օրացույցը՝ իմ փորձված, օրինակելի ստեղծագործությունները ինձ օժտում էին աշխարհում ամեն ինչի մասին կիսաիմացությամբ։ Ես այսօր էլ կարող եմ ամենաճիշտ տեղեկությունները հայտնել այն բոլոր նավերի զրահի հաստության, սարքավորվածության, նավահավաքակայաններից ջուրն իջեցնելու, ծով դուրս գալու և նավարկելու դերի մասին, որոնք մասնակցել են Սկագերաքյան ճակատամարտին, որտեղ էլ, վնասվածք ստանալով, իջել են հատակը։

Շուտով ես պիտի դառնայի տասնչորս տարեկան, ես սիրում էի միայնությունը, շատ էի զբոսնում։ Իմ թմբուկը ևս զբոսնում էր ինձ հետ, սակայն ես հազվադեպ էի անհանգստացնում նրա թիթեղին, քանզի մայրիկիս մահվան պատճառով այն ժամանակին փոխարինելը խիստ կասկածելի էր պատկերվում, ինչը և պարզ դարձավ իրականում։

Ե՞րբ տեցի ունեցավ դա՝ երեսունյոթի աշնա՞նը, թե երեսունութի գարնանը։ Համենայնդեպս, ես քարշ էի գալիս Հինդենբուրգալլեի երկայնքով՝ ուղղություն վերցնելով դեպի կենտրոն և մոտավորապես գտնվում էի «Տարվա չորս եղանակները» սրճարանի հարթության վրա, ընդ որում՝ ոչ այն է տերևներ էին թափվում, ոչ այն է բացվում էին կոկոնները՝ մի խոսքով, բնության մեջ ինչ֊որ բան էր տեղի ունենում։ Եվ այստեղ ես հանդիպեցի իմ ընկեր և ուսուցիչ Բեբրային, որն ուղիղ գծով սերում էր արքայազն Օյգենից և, դրանով իսկ, Լյուդովիկոս Տասնչորսերորդից։

Մենք երեք տարի չէինք տեսնվել, սակայն 20 քայլից իրար ճանաչեցինք։ Բեբրան մենակ չէր, նրան թևանցուկ արած՝ քայլում էր մի նրբագեղ, հարավային ոճի գեղեցկուհի, որը Բեբրայից երկու սանտիմետրով ցածր էր և մոտ երեք մատ բարձր ինձանից։ Ծանոթանալով, գեղեցկուհին տվեց իր անունը՝ Ռոզվիտա Ռագունա՝ Իտալիայի ամենահայտնի պայծառատեսուհի։

Բեբրան ինձ հրավիրեց «Տարվա չորս եղանակներում» մի գավաթ մոկկա խմելու։ Մենք նստեցինք «ակվարիումում», և հարևանությամբ նստած բամբասասեր կանայք սկսեցին շշնջալ․

― Լիզվեթ, Լիզբեթ, հլը մի տես, լիլիպուտներ են, դու տեսե՞լ էիր։ Նրանք կրկեսո՞ւմ պետք է ելույթ ունենան։ Պետք է գնալ։

Բեբրան ինձ ժպտաց՝ ընդ որում ցույց տալով իր հազար բարակ, հազիվ նկատելի կնճիռները։

Մատուցողը, որը մեզ սուրճ բերեց, շատ խոշոր էր։

Երբ Ռոզվիտան սուրճի հետ մի կտոր տորթ պատվիրեց, նա ֆրակով մարդուն նայեց այնպես, ինչպես աշտարակին են նայում։ Բեբրան հետևում էր ինձ։

― Օ, վախենամ, որ նա՝ ապակու մեր նվաճողը, իրեն վատ է զգում։ Ինչո՞ւմն է դժբախտությունդ, իմ ընկեր։ Ապակին այլևս չի՞ ենթարկվում, թե՞ ձայնդ չի բավականացնում։

Պատանի ու կրքոտ, ինչպիսին ես էի, Օսկարը ցանկանում էր անհապաղ ներկայացնել իր չխամրող արվեստը։ Ես նայեցի չորս բոլորս, հայացքով արդեն հաստատեցի դեկորատիվ ձկների ու ջրիմուռների դիմացի ապակե մեծ հարթությունը, սակայն ավելի շուտ, քան կհասցնեի երգել, Բեբրան ասաց․

― Ոչ, իմ ընկեր։ Մենք կհավատանք ձեր խոսքին։ Աստծո սիրուն, ավերածություններ, ջրհեղեղներ, ձկների մահեր պետք չեն։

Ես ամոթխած ներողություն խնդրեցի, առաջին հերթին, սինյորա Ռոզվիտայից, որը հանելով իր փոքրիկ հովհարը, այն անհանգստությամբ թափահարում էր։

― Իմ մայրն է մահացել, ― փորձեցի ես արդարացնել իմ պահվածքը, ― նա այդպես չպետք է վարվեր։ Ես շատ զայրացած եմ նրա վրա։ Չէ՞ որ մարդիկ ասում են․ մայրը ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ զգում, ամեն ինչ ներում։ Համատարած արտահայտություններ Մոր օրվա կապակցությամբ։ Իսկ նա իմ մեջ թզուկի էր տեսնում։ Եվ այդ թզուկից կազատվեր, եթե միայն կարողանար։ Սակայն չէր կարող ազատվել, քանի իր երեխաները, եթե նույնիսկ նրանք թզուկ են, արձանագրված են թղթերի մեջ, և անհնար է հենց այնպես վերցնել ու նրանցից ազատվել։ Եվ նաև այն պատճառով, որ ես նրա սեփական թզուկն էի, որովհետև ինձանից ազատվելով, նա կազատվեր նաև ինքն իրենից։ Կխորտակեր իրեն։ Ուրեմն, ինչպե՞ս հարց տվեց ինքն իրեն՝ ե՞ս, թե թզուկը, ինչից հետո ոչնչացրեց իրեն, սկսեց միայն ձուկ ուտել, ընդ որում, նույնիսկ ոչ թարմ, զորացրեց իր սիրեկաններին, իսկ այժմ, երբ նա պառկած է Բրենտաուի գերեզմանոցում, թե՝ սիրեկանները և թե՝ գնորդները, ձայները մեկ արած, պնդում են․ «Դա թզուկն էր, որ իր թմբուկով նրան գերեզման հասցրեց։ Օսկարի պատճառով նա այլևս չէր ուզում ապրել, նա սպանեց մորը»։

Ես սաստիկ չափազանցում էի, հնարավոր է, սինյորա Ռոզվիտայի վրա տպավորություն թողնելու նպատակով։ Չէ՞ որ իրականում մարդկանց մեծ մասը մայրիկիս մահվան մեջ մեղադրում էր Մացերատին և, դրանից առավել, Յան Բրոնսկուն։ Սակայն Բեբրան ինձ կանխեց։

― Չափազանցեցնում ես, իմ ընկեր։ Զուտ խանդից է, որ դուք զայրանում եք ձեր մահացած մոր վրա։ Քանի որ նա գերեզման է իջել ոչ այնքան շատ, որքան հոգնեցուցիչ սիրային հարաբերությունների պատճառով, և դուք ձեզ արհամարված եք զգում։ Դուք չար եք ու փառամոլ, ինչպես, ազնովորեն ասած, հատուկ է հանճարին։ ― Այնուհետև արտաշնչելուց և աչքի պոչով սինյորա Ռոզվիտային նայելուց հետո․ ― Մեր չափերի մարդիկ դժվարությամբ են համբերություն դրսևորում։ Առանց աճի արտաքին նշանների մարդկային մնալն այնքան բարձր խնդիր է, այնքան վեհանձն կոչում։ Միաժամանակ և՛ հարթ, և՛ կնճռոտ մաշկով նեապոլիտանական պայծառատեսուհի Ռոզվիտա Ռագունան՝ նա, որին ես մոտ տասնութ տարեկան էի համարում, դրանից ոչ ավելի, և որով արդեն մոտակա ակնթարթին հիանում էի այնպես, որպես կհինայի ութսուն, իսկ միգուցե և իննսուն տարեկան ծեր կնոջով, հենց այդ Ռոզվիտան ձեռքը տարավ Բեբրայի անգլիական կտորից կարված պերճաշուք կոստյումի վրայով, ինձ ուղարկեց իր բալի սևագույն միջերկրական աչքերի հայացքը և այնուհետև իր մութ, պտուղներ խոստացող ձայնով, որն ինձ անհանգստացրեց ու ստիպեց անզգայանալ, ասաց․

― Կարիսսիմո, Օսկարելլո։ Որքան լավ եմ ես այն՝ ձեր ցավը, հասկանում։ Գնանք մեզ նետ Միլան, Փարիզ, Տոլեդո, Գվատեմալա։

Ես թեթև գլխապտույտ ունեցա։ Ես բռնեցի Ռագունայի՝ թարմությամբ փթթող և աշխարհի պես հին ձեռքը։ Միջերկրական ծովի ալիքները խփվեցին իմ ափին, ձիթենիները շշնջացին իմ ականջին․

Ռոզվիտան ձեզ համար մայր կդառնա, Ռոզվիտան ձեզ կհասկանա։ Նա՝ Ռոզվիտան, մեծ պայծառատեսը, որը ներթափանցելով տեսնում է ամենը, հասկանում ամենը, միայն ինքն իրեն չի կարողանում հասկանալ, օ մամա միա, միայն ոչ իրեն։

Ռագունան տարօրինակ ձևով հազիվ էր ինձ սկսել ներթափանց տեսնել և իր պայծառատեսական հայացքով ինձ ճեղքել, երբ անսպասելի ու սարսափով լի ինձանից ետ քաշեց ձեռքը։ Չզարհուրեցրե՞ց, արդյոք, նրան իմ 14֊ամյա կարոտած սիրտը։ Չբացահայտվե՞ց, արդյոք, նրա համար, որ Ռոզվիտան, միևնույն է, աղջիկ, թե ծեր կին, ինձ համար միայն մեկ բան էր նշանակում՝ Ռոզվիտա։ Նա ցնցվում էր ու նեապոլիտական լեզվով շշնջում և այնքան շատ էր իրեն խաչակնքում, կարծես սարսափները, որոնք նա ընթերցել էր իմ մեջ, սահմաններ չունեին, իսկ այդ ամենից հետո նա լռելյայն թաքնվեց իր հովհարի ետևում։

Ես, գլուխս կորցրած, խնդրեցի ինձ լուսաբանել, բացատրություն խնդրեցի պարոն Բեբրայից, սակայն նույնիսկ Բեբրան, որն ուղիղ գծով արքայազն Օյգենից էր սերվում, դատելով ամեն ինչից, ինքն էլ էր կորցրել սովորական վստահությունը, նա ինչ֊որ բան էր փնթփնթում և միայն վերջին մոտ ես կարողացա հասկանալ հետևյալը․

― Ձեր հանճարը, իմ պատանի բարեկամ, աստվածային է, սակայն նաև, անկասկած, ձեր հանճարի հրեշավոր հիմքը փոքր֊ինչ շփոթեցրեց իմ բարի Ռոզվիտային, ինչպես և ինձ։ Ազնվորեն խոստովանեմ, ձեզ ներհատուկ ինքնաբերական անչափելիությունը ներկայանում է որպես օտար՝ չնայած ոչ այնքան հասկանալի։ Բայց միևնույն է, Բեբրան հասցրեց հավաքել ուժերը, միևնույն է, որպիսին էլ լինի ձեր բնավորության կառուցվածքը, գնանք մեզ հետ, ելույթ կունենաք Բեբրայի «Կախարդական շոուում»։ Ինքնադաստիարակության ու ինքնասահմանափակման որոշակի չափաբաժնի առկայության դեպքում դուք լիովին ունակ եք գտնել ձեր հանդիսատեսին՝ նույնիսկ ներկայումս ձևավորված քաղաքական հանգամանքների պայմաններում։

Ես անմիջապես կռահեցի, որ Բեբրան, որը ժամանակին ինձ խորհուրդ տվեց միշտ լինել բեմի վրա և ոչ մի անգամ՝ դրա դիմաց, ինքն էր հաղորդակից դարձել մեծ խմբով դրա դիմաց կանգնածների հետ՝ չնայած նա առաջվա նման ելույթ էր ունենում կրկեսում։ Ահա հենց այդ պատճառով էլ նա հիասթափվեց, երբ ես հարգալից ու ափսոսացոր տեսքով մերժեցի նրա առաջարկությունը։ Իսլ սինյորա Ռոզվիտան նույնիսկ լսելի հոգոց հանեց իր հովհարի ետևում ու կրկին ինձ ցույց տվեց իր միջերկրական աչքերը։

Մենք մի քիչ էլ զրուցեցինք, ես մատուցողին խնդրեցի ինձ ջրի դատարկ բաժակ բերել, ձայնովս բաժակի վրա սրտաձև կտրվածք արեցի, շուրջը քմահաճորեն «Օսկարից՝ Ռոզվիտային» գրությունը երգեցի, բաժակը նվիրեցի նրան, ինչով նրան շատ ուրախացրի, իսկ Բեբրան, նախքան մեր հեռանալը, հաշիվը փակեց և առատաձեռն թեյավճար տվեց։

Երկուսով ինձ ուղեկցեցին գրեթե մինչև մարզադահլիճը։ Ես թմբուկի փայտիկներով ցույց տալով Մայիսյան մարգագետնի հակառակ ծայրի դատարկ տրիբունաները և, այժմ վերհիշեցի, դա տեղի էր ունենում երեսունութ թվի գարնանը, իմ ուսուցիչ Բեբրային պատմեցի տրիբունաների տակ թմբկահարի կարգավիճակով սեփական գործունեությանս մասին։

Բեբրան շփոթված ժպտաց, սինյորա Ռոզվիտան ցուցադրեց իր լուրջ դեմքը։

Իսկ երբ սինյորան մի քանի քայլ այն կողմ գնաց, Բեբրան, հրաժեշտ տալով, իմ ականջին շշնջաց․

― Ես սխալ թույլ տվեցի, իմ ընկեր, ինչպե՞ս ես կարող եմ այսուհետ ևս լինել ձեր ուսուցիչը։ Ախ, այդ կեղտոտ քաղաքականությունը։

Նման բառերից հետո նա, ինչպես և շատ տարիներ առաջ, երբ ես նրան առաջին անգամ հանդիպեցի կրկեսի բնակելի բեռնասայլերի միջև, համբուրեց իմ ճակատը, տիկին Ռոզվիտան ինձ մեկնեց ասես թե ճենապակյա ձեռքը, ես հանդիսավոր խոնարհվեցի, 14 տարեկանի համար դա չափից դուրս մշակված շարժում էր դիտվում, պայծառատեսի մատիկների վրա։

― Մենք դեռ կտեսնվենք, որդիս, ― պարոն Բեբրան ձեռքով արեց ինձ։ ― Կտեսնեվենք, ինչպես էլ կյանքը դասավորվի։ Մեր պես մարդիկ չեն կարող կորչել։

― Չարություն մի պահեք ձեր հայրերի դեմ, ― խորհուրդ տվեց ինձ սինյորան։ ― Վարժվեք ձեր սեփական գոյությանը, որպեսզի ձեր սիրտը հանգիստ ձեռք բերի, իսկ սատանան չարություն տածի։

Ինձ թվաց, կարծես սինյորան ևս մեկ անգամ, չնայած կրկին զուր, անվանարկեց ինձ։ Չքվիր, սատանա, իսկ սատանան չի հեռանում։ Ես տխուր, ամայացած սրտով նայեցի երկուսի ետևից, ձեռքով արեցի։ Երբ նրանք նստեցին տաքսի ու նրա մեջ ամբողջապես անհետացան («ֆորդը» կառուցված էր մեծահասակների համար, իսկ նրանց հետ ներսում դատարկ էր երևում), երբ մեքենան սլանալով հեռացավ՝ տանելով իմ ընկերներին, այնպիսի տեսք ուներ, կարծես նստողներ է որոնում։ Ճիշտ է, հատագայում ես փորձեցի Մացերատին համոզել, որպեսզի գնա Կրոնեի կրկեսը, սակայն նա հորդորներիս չենթարկվեց։ Նա իմ խեղճ մոր համար, որն, ըստ էության, երբեք ամբողջությամբ նրան չէր պատկանել, ամբողջապես խրվել էր սգի մեջ։ Եվ կամ ո՞ւմ էր նա ամբողջապես պատկանել։ Նույնիսկ Յան Բրոնսկուն՝ դա էլ ոչ, թերևս միայն ինձ, քանզի Օսկարը բոլորից շատ էր տառապում նրա բացակայությունից, որը խախտել էր նրա առօրյա կյանքի նորմալ ընթացքը և նույնիսկ կասկածի տակ էր դրել այդ կյանքը։ Մայրիկս ինձ սարսափելի վատություն արեց։ Իսկ հայրերից ընդհանրապես ոչինչ չէր կարելի սպասել։ Ուսուցիչ Բեբրան, ի դեմս քարոզչության նախարար Գեբելսի, ինքը ձեռք բերեց իր ուսուցչին։ Գրեթխեն Շեֆլերը ամբողջությամբ հեռացավ «ձմեռային օգնության» մեջ։ Այսպես էր ասվում․ ոչ մեկը պետք է սոված չմնա, ոչ մեկը պետք է չմրսի։ Իսկ ես հենվում էի թմբուկիս վրա և վերջնականապես անձնատուր եղա միայնությանը՝ աշխատելով փայտիկների հարվածների ներքո բարակած, ինչ֊որ ժամանակ սպիտակ գույն ունեցած թիթեղի վրա։ Երեկոներին մենք Մացերատի հետ նստում էինք իրար դեմ դիմաց, նա իր խոհարարական գրքերն էր թերթում, ես իմ բողոքներն էի թափում գործիքի վրա։ Երբեմն Մացերատը, գլուխը դնելով խոհարարական գրքի վրա, լաց էր լինում։ Յան Բրոնսկին ավելի ու ավելի հազվադեպ էր լինում մեզ մոտ։ Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝ տղամարդիկ եկան այն հետևության, որ պետք է առանձնակի զգուշություն պահպանել, ոչ ոք չգիտի, թե այս ամենը ինչ ընթացք կստանա։ Այդ իսկ պատճառով սկատով և փոխարինվող երրորդ խաղացողով երեկոները ավելի հազվադեպ էին, ապա ուշ ժամի, մեզ մոտ հյուրասենյակում, կախովի լամպի տակ, առանց քաղաքականության մասին խոսակցության։ Թվում էր, թե իմ Աննա տատիկը լիովին մոռացել է Բիսաուից մեզ մոտ՝ Լաբեսվիգ բերող ճանապարհը։ Տատիկս զայրանում էր Մացերատի վրա, հնարավոր է, որ զայրանում էր նաև ինձ վրա․ չէ՞որ ես ինքս լսել եմ, թե ինչպես է նա ասում․ «Իմ Ագնեսիկը, նա մահացավ, այդ թմբուկի պատճառով նա այլևս չէր ուզում ապրել»։

Թող որ ես նույնիսկ մեղավոր եմ մայրիկիս մահվան մեջ, ես էլ ավելի ջղաձգորեն էի կարչում իմ վատաբանված թմբուկից․ չէ՞ որ նա չէր մահանում, ինչպես մայրերն են մահանում, կարելի է նոր թմբուկ գնել կամ այն տալ ծերունի Հայլանդին կամ ժամագործ Լաուբշադին, որպեսզի վերանորոգեն։ Թմբուկը հասկանում էր ինձ, ամեն ինչին ճիշտ պատասխան տալիս և հենվում էր ինձ վրա, ինչպես ես էի հենված նրա վրա։

Եվ այն ժամանակահատվածը, երբ սեփական կացարանը ինձ համար դառնում էր չափից դուրս կարճ կամ իմ տասնչորս տարիների համար չափից դուրս երկար, երբ օրվա ընթացքում ինձ ոչ մի անգամ հնարավորություն չէր ընձեռվում ցուցափեղկի դիմաց գայթակղողի դերը խաղարկելու։ Իսկ երեկոներին արդեն գայթակղությունը բավականաչափ ուժեղ չէր ստացվում, որպեսզի մութ դարպասատակում ճշմարտանման գայթակղողի պատկերեի, ես առաջադրում էի տակտը, քշում֊գնում էի հինգերորդ հարկ՝ ճանապարհին հաշվելով 116 աստիճան, յուրաքանչյուր աստչճանավանդակի բոլոր հինգ դռների ետևից, որովհետև հոտերին, ինչպես և անձամբ ինձ, չափից դուրս նեղվածք էր երկսենյականոց բնակարանում։

Սկզբնական շրջանում, չնայած հազվադեպ, սակայն բախտս բերում էր շեփորահար Մայնի հետ։ Հարբած վիճակում ձեղնահարկի չորացող սավանների միջև ընկած՝ նա կարողանում էր զարմանալի երաժշտականությամբ փչել իր շեփորը՝ դրանով մեծ ուրախություն պատճառելով իմ թմբուկին։ Երեսունութի մայիսին Մայնը հրաժարվեց գիհու օղուց՝ մարդկանց հայտարարելով․ «Այժմ նոր կյանք կսկսվի»։ Դրանից հետո նա դարձավ գրոհայինների հեծելազորային զորամասերին կից երաժշտական վաշտի անդամ։ Հետագայում ես կարող էի հետևել, թե ինչպես է նա երկարաճիտք կոշիկներով ու նմանատիպ կաշվից երեսանով, աստիճանների վրա մեկ քայլով հինգ աստիճան հաղթահարում։ Նա առաջվա պես պահում էր չորս կատու, որոնցից մեկի անունը Բիսմարկ էր, որովհետև, ինչպես կարելի էր ենթադրել, գիհու օղին երբեմն հաղթանակում էր և նրան տրամադրում դեպի երաժշտությունը։

Ես շատ հազվադեպ էի ծեծում ժամագործ Լաուբշադի՝ հարյուրավոր ժամացույցներով շրջապատված այդ հանգիստ մարդու դուռը։ Սակայն ժամանակի հետ նման վատնողական վերաբերմունք ես ինձ կարող էի թույլ տալ ոչ ավելի, քան ամիսը մեկ։ Ծերունի Հայլանդը նախկինի պես իր որջը պահում էր եկամտային տան բակում և նախկինի պես նա ուղղում էր ծուռ մեխերը։ Եվ առաջվա պես էլի կային ճագարներ և ճագարներից ճագարիկներ։ Միայն բակի մանուկներն էին դարձել այլ։ Այժմ նրանք քայլում էին համազգեստով, սև փողկապով և այլևս աղյուսի փոշուց ապուրներ չէին եփում։ Հայտնվել էր այլ սերունդ, իսկ իմը արդեն հաղթահարել էր դպրոցը և գնացել էր դեպի գիտություն։ Նուխի Էյկեն դարձել էր վարսավիր, Ակսել Միշքեն պատրաստվում էր Շիխաուի նավաշինարանում դառնալ զոդող, Սյուզի Քատերը Շտերնֆելդի առևտրի տանը սովորում էր վաճառողուհու մասնագիտությունը և արդեն մշտական երկրպագու ուներ։ Ինչ աստիճան կարող է ամեն ինչ փոխվել ընդամենը երեք֊չորս տարվա ընթացքում։ Ճիշտ է, բակում առաջվա պես գորգերը թափ տալու համար կանգնած էր վերադրակը, և տնային ներքին կանոնակարգում այդպես էլ գրված էր․ երեքշաբթի և ուրբաթ՝ թափ տալ գորգերը։ Սակայն այդ երկու օրերին լսվում էին միայն հազվադեպ և մի տեսակ ամոթխած հարվածներ․ այն ժամանակվանից ի վեր, ինչ Հիտլերը եկել է իշխանության, տնտեսություններում ավելի ու ավելի շատ փոշեկուլներ էին հայտնվում, վերադրակները կանգնած էին միայնակության մեջ և այժմ պիտանի էին թերևս միայն ճնճղուկների համար։

Մի խոսքով ինձ մնացել էր միայն աստիճանավանդակը և մեկ էլ ձեղնահարկը։ Կղմինդրե տանիքի տակ ես ընթերցում էի իմ փորձարկած գիրքը, իսկ աստիճանների վրա, երբ ցանկանում էի մարդկանց հետ շփվել, ծեծում էի երրորդ հարկի ձախ կողմի առաջին դուռը։ Տրուչինսկի մայրիկը միշտ բացում էր դուռը։ Այն ժամանակվանից, երբ նա Բրենտաուի գերեզմանատանը բռնել էր իմ ձեռքը և ձեռքս բռնած էլ մոտեցրեց իմ մայրիկի դագաղին, նա բաց էր անում ամեն անգամ, երբ նրա դռան առաջ հայտնվում էր Օսկարը իր փայտիկներով։

― Միայն թե այդքան բարձր ձայնով մի թմբկահարիր, Օսկա՛ր։ Ախր, մեր Հերբերթը քնած է, քանի որ այս գիշերը ևս նրա համար դաժան էր, և ստիպված էի նրան տուն բերել մեքենայով։ ― Այս բառերից հետո նա ինձ ներս էր քաշում իր բնակարանը, ածիկով ու կաթով սուրճ էր լցնում և դրան վրադիր տալիս էր թեյի վրայի շագանակագույն սառնաշաքարից մի կտոր, որպեսզի թաթախեի ու լպստեի։ Ես խմում էի, ծծում սառնաշաքարը, իսկ թմբուկին ձեռք չէի տալիս։

Տրուչինսկի մայրիկը ուներ փոքրիկ, կլոր գլուխ, որի վրա կիպ նստած բարակ մոխրաալեհեր մազերը այն աստիճան աղքատիկ էին, որ նրանց միջից փայլում էր վարդագույն մաշկը։ Նոսր մազափնջերը ձգտում էին դեպի նրա ծոծրակի հեռավոր կոկոնը և այստեղ առաջացնում էին հանգույց, որը չնայած իր փոքր չափերին, բիլիարդի գնդից փոքր, նկատելի էր ցանկացած կողմից, ինչպես էլ որ նա անցներ֊դառնար։ Այդ հանգույցը պահվում էր գործելու փոքրիկ շյուղերի օգնությամբ։ Իր կլորիկ թշերը, որոնք, թվում էր, դնովի են, երբ նա ծիծաղում էր, Տրուչինսկի մայրիկը իր թշերը ամեն առավոտ շփում էր եղերդի տուփի փաթեթով, փաթեթը կարմիր էր ու գունաթափվող։ Տրուչինսկի մայրիկի հայացքը նման էր մկան հայացքի, նրա չորս երեխաների անուններն էին Հերբերթ, Հուստա, Ֆրից, Մարիա։

Մարիան իմ հասակակիցն էր, նոր էր ավարտել տարրական դպրոցը և այժմ ապրում ու սովորում էր Շիդլիցում, պետական ծառայողի ընտանիքում տնտեսուհի էր։ Ֆրիցը, որն աշխատում էր վագոնի գործարանում, հազվադեպ էր տանը հայտնվում։ Նրա կողքին մշտապես կային երկու, երեք աղջիկներ, որոնք նրա համար անկողին էին բացում և որոնց հետ նա գնում էր Օռու պարելու։ Մեր շենքի բակում նա ճագարներ էր պահում, վիեննական երկնագույն, սակայն ճագարների հոգսը ընկնում էր Տրուչինսկի մայրիկի վրա, որովհետև Ֆրիցը առանց այն էլ շատ զբաղված էր բազմաթիվ աղջիկներով։ Հուստան, որը երեսունին մոտ համակրելի անձնավորություն էր, գլխավոր երկաթուղային կայարանին կից «Էդեմ» հյուրանոցում աղախին էր ծառայում։ Դեռևս ամուսնացած չլինելով՝ նա, ինչպես սահմանված է առաջնակարգ հյուրանոցի աշխատակազմի համար, ապրում էր հենց տեղում, բազմահարկ շենքի վերին հարկում։ Եվ, վերջապես, բոլորից տարիքովը՝ Հերբերթը, միակն էր, ով ապրում էր մոր հետ, եթե, իհարկե, չհաշվենք մոնտյոր Ֆրիցի հազվադեպ գիշերումները, և Նոյֆարվասերի նավահանգստային արվարձանում ծառայում էր որպես մատուցող։ Խոսքն այստեղ կլինի հենց նրա մասին։ Որովհետև մայրիկիս մահից հետո Հերբերթը իմ ձգտումների նպատակակետի կարճ, սակայն երջանիկ ժամանակահատվածն էր Շթարբուշի մոտ։ Այդպես էին անվանում այն սեփականատիրոջը, ում պատկանում էր «Շվեդի մոտ» պանդոկը։ Այն տեղակայված էր նավաստիների համար բողոքական եկեղեցու դեմ դիմաց, և նրա այցելուները, ինչպես հեշտ է կռահել անվանումից, մեծ մասամբ սկանդինավներ էին։ Սակայն այնտեղ մտնում էին և՛ ռուսները, և՛ Ազատ քաղաքի լեհերը, և հելմցի բեռնակիրները, և՛ գերմանական ռայխի ռազմանավերի նավաստիները, որոնք հենց նոր էին այցելության գալիս։ Այդ, կարելի է ասել, եվրոպական պանդոկում մատուցող ծառայելը բնավ էլ անվտանգ չէր, և միայն այն փորձն էր, որ Հերբերտը ձեռք էր բերել «Օռի ձիարշավում», նախքան տարվասեր վերակոչելը, Հերբերթը որոշ ժամանակ այդ երրորդ կարգի պարատեղում որպես մատուցող էր ծառայում, որը նրան հնարավորություն տվեց՝ «Շվեդի մոտ» տիրող լեզուների բաբելոնյան խառնուրդի մեջ, հաստատել իր արվարձանային ներքին գերմանական բարբառը, լեհերենի ու անգլերենի միաձուլումների հետ խառնված։ Սակայն ամիսը մեկ անգամ նրան տուն էր բերում սանիտարական մեքենան՝ չնայած ընդդեմ նրա կամքի, բայց միաժամանակ անվճար։

Այդ ժամանակ Հերբերթը ստիպված էր լինում պառկել փորի վրա, բարձրաձայն տնքալ, որովհետև հարյուր կիլոգրամ քաշ ուներ, և իր ծանրությամբ մի քանի օր հոգս պատճառել մահճակալին։ Այդ օրերին Տրուչինսկի մայրիկը առանց շունչ քաշելու լուտանք էր թափում։ Սակայն այդ օրերին նաև անխոնջ խնամում էր նրան և, հերթական անգամ վիրակապելը ավարտեկով, մազերի միջից դուրս քաշած շյուղով ցույց էր տալիս ապակու տակի ռետուշավորված լուսանկարը, որը հենց մահճակալի դեմ դիմաց էր։ Իսկ պատկերում էր այդ լուսանկարը լուրջ ու անշարժ դեմքով մի տղամարդու, որը բեղեր ուներ ու շատ էր նմանվում բեղավորների այն մասին, որը բնակեցրել է իմ լուսանկարչական ալբոմի առաջին էջերը։

Սակայն այն պարոնը, որին իր ճաղերով ցույց էր տալիս Տրուչինսկի մայրիկը, չէր պատկանում իմ ընտանիքի անդամների թվին, վերջնականապես Հերբերթի, Հուստայի, Ֆրիցի ու Մարիայի հայրն էր։

― Դու դեռ ինչ֊որ ժամանակ քո վերջը կտաս, ինչպես հայրդ իր վերջը տվեց, ― թունոտ ֆշշացնում էր նա հևացող ու տնքացող Հերբերթի ականջին, սակայն ոչ մի անգամ այդպես էլ չասաց, թե որտեղ ու երբ է այդ տղամարդը բերել կամ, հնարավոր է, գտել իր վերջը։

― Դե և ո՞վ էր այս անգամ, ― հարց ու փորձ էր անում ալեհեր մուկիկը խաչաց ձեռքերի վերևից։

― Դե, ինչպես միշտ, շվեդերն ու նորվեգացիները։ ― Հերբերթը շրջվում էր, և նրա մահճակալը ճռնչում էր։

― Ինչպես միշտ, ինչպես միշտ։ Ձևեր մի թափիր, թե իբր դա միշտ շվեդերն ու նորվեգացիներն են, այ վերջերս դա ուսումնական նավի տղաներն էին, ինչպե՞ս էր, է՜, նրա անունը․ Աստված հիշողություն տա, դե հա, «Շլագետերից» ահա, իսկ դու ինձ մի գլուխ շվեդների ու նորվեգացիների մասին ես պատմում։

Հերբերթի ականջը (դեմքը ես տեսնել չէի կարող) լցված էր գույնով։

― Սրիկաներ, միշտ իրենց չգիտես ինչի տեղ են դնում ու քթները տնկում են։

― Թող դրանց, դա ամենևին էլ քո գործը չէ։ Քաղաքում, երբ նրանք ափ են դուրս գալիս, բավական վայելուչ տեսք ունեն։ Հավանաբար դու կրկին սկսել ես Լենինի վերաբերյալ խրատներ տալ կամ քիթդ խոթել ես իսպանական պատերազմի մեջ։

Հերբերթը այլևս ոչինչ չէր պատասխանում, և Տրուչինսկի մայրիկը հեռանում էր խոհանոց, իր սուրճի մոտ։

Հենց որ Հերբերթի թիկունքը սկսում էր կենդանանալ, ինձ թույլ էր տրվում այն դիտել։ Հերբերթը նստում էր խոհանոցի աթոռին, ցած էր իջեցնում շալվարակալերը, որոնք ընկնում էին նրա զիստերին փաթաթված կապույտ մահուդի վրա և դանդաղ, կարծես նրան խանգարում էին ծանր մտքերը, հանում էր բրթե վերնաշապիկը։

Թիկունքը կլոր էր ու շարժուն։ Պեպեններով պատված վարդագույն բնապատկեր։ Երկու կողմից ճարպի մեջ խեղդվող ողնաշարի վրա թիակներից ներքև փնջակալել էին շիկահեր մազերը։ Նրանք խոպոպիկներով իջնում էին թիկունքն ի վար՝ մինչև որ անհետանում էին վարտիքի մեջ, որը Հերբերթը հագնում էր նույնիսկ ամռանը։ Իսկ վարտիքի եզրից սկսած դեպի վեր մինչև մկանուտ պարանոցը, Հերբերթի թիկունքը պատել էին ուռած, մազերի աճին խանգարող, պեպենների սփռումները՝ ընդհատող, իրենց կողքերում ծալքեր թողնող, եղանակի փոփոխության ժամանակ մրմռացող, գույնզգույն՝ սկսած կապտակներից մինչև կանաչասպիտակագույն սպիները։ Եվ ահա այդ սպիներին էր, որ ինձ թույլ էր տրվում ձեռք տալ։

Ունեցե՞լ եմ ես, արդյոք, նա, ով պառկած է անկողնու վրա ու չտեսնող աչքերով նայում է պատուհանին, ով արդեն մի քանի ամիս է, ինչ դիտահայում է հատուկ բժշկական հիմնարկության տնտեսական շինությունները, իսկ նրանց ետևում Օբերատյան անտառը։ Ունեցե՞լ եմ ես, արդյոք, մինչ այդ օրը այնչափ ամուր, որչափ էլ զգայուն ու գիտակցությունը մթագնեցնող մի ինչ֊որ այլ բանի ձեռք տալու հնարավորություն, որպիսիք Հերբերթի թիկունքի սպիներն են։ Թերևս միայն որոշ աղջիկների ու տիկնանց մարմինների որոշ մասերը, և այն անանուն մատը, որը համարյա երկու տարի առաջ տարեկանի դաշտից բերեց շունը և որը շուրջ մեկ տարի ինձ թույլ էր տրվում պահել, ճիշտ է, միայն բանկայի մեջ ու պայմանով, որ ձեռք չտամ։ Բայց դրա փոխարեն ես այնքան պարզորոշ էի այն տեսնում, որ մինչև օրս կարող եմ զգալ ու հաշվել այդ մատի ամեն մի հոդը, թույլ տվեք միայն ձեռքս վերցնեմ իմ փայտիկները։ Ամեն անգամ, երբ ինձ մոտ ցանկություն էր առաջանում վերհիշել Հերբերթ Տրուչինսկու թիկունքը, ես սկսում եմ թմբկահարել, թմբկահարումով աշխուժացնել իմ հիշողությունը՝ մատը մեջը բանկայի առջև նստած։ Ամեն անգամ, իսկ դա հազվադեպ էր պատահում, կնոջ մարմինը ուսումնասիրելիս՝ ես, նրա սպիների նմանվող մարմնի մասերի մեջ մինչև վերջ համոզված չլինելով, մտովի վերադառնում էի դեպի Հերբերթ Տրուչինսկու վերքերը։ Նույն հաջողությամբ ես կարող էի նաև այլ կերպ ասել․ իմ ընկերոջ թիկունքի այդ անընդգրկելի ուռածություններին առաջին դիպչումները արդեն այն ժամանակ ինձ այն կոշտությունների հետ էին ծանոթություն ու ժամանակավոր տնօրինում խոստանում, որոնք կարճատև ժամանակում հայտնվում են սիրո համար բաց կանանց մոտ։ Միաժամանակ Հերբերթի թիկունքի նշաններն արդեն այն վաղ ժամանակաշրջանում խոստանում էին ապագայում սպիրտի մեջ պահպանվող ցուցամատը, սակայն Հերբերթի սպիներից դեռ շատ ժամանակ առաջ, դեռ իմ երրորդ ծննդյան օրվանից սկսած, թմբուկի փայտիկները ինձ սպիներ, բազմացման օրգաններ և, վերջ ի վերջո, ցուցամատ էին խոստանում։ Այնուամենայնիվ, ցանկանում եմ վերադառնալ էլ ավելի հեռավոր ժամանակներին․ նույնիսկ երբ ես դեռ սաղմնային վիճակում էի, երբ Օսկարը դեռ Օսկար չէր դարձել, սեփական պորտալարիս հետ խաղը ինձ հերթականությամբ խոստանում էր մեկ թմբուկի փայտիկներ, մեկ՝ Հերբերթի սպիներ, մեկ՝ երիտասարդ կանանց ու առավել տարիքով կանանց լայն բացված խառնարաններ։

Այսօր ես կրկին անդրադարձա թմբուկի փայտիկներին, մարմնի փափուկ մասերին ու սպիներին, իմ սեփական գործիքին, որը ժամանակ առ ժամանակ է ցուցադրում ուժերի հորդումը, ես անցա հիշողությունների զարտուղի ճանապարհով, որոնք ինձ պատվիրված էին իմ թմբուկի կողմից։ Իմ ծննդյան տարեդարձը մեկ անգամ ևս տոնելու հնարավորություն ստանալու համար ես պետք է հասնեմ երեուն տարեկանի։ Դուք հավանաբար արդեն կռահեցիք․ Օսկարի բարձրագույն նպատակը վերադարձ է դեպի պորտալար, հանուն դրա է ձեռնարկվել ողջ պատմությունը, հանուն դրա է վերադարձը դեպի Հերբերթ Տրուչինսկու վերքերն ու սպիները։

Նախքան իմ ընկերոջ թիկունքի նկարագրությունը ու մեկնաբանությունը շարունակելը՝ ես պետք է հայտարարեմ, որ եթե չհաշվենք ձախ սրունքի վրայի ատամներով կծածի հետքերը, որոնք արել էր Օռայի մի պոռնիկ, նրա հզոր, բավականին խոցելի, մի խոսքով իրենից հրաշալի թիրախ ներկայացնող մարմնի առաջնային մասում որևէ այլ ատամնահետքեր չկային։ Թշնամիները նրան կարող էին մոտենալ միայն թիկունքի կողմից։ Միայն թիկունքից էր նա խոցելի, միայն թիկունքի վրա էին նշան դնում ֆիննական ու լեհական դանակները։ Շպայխերինզելի նավահանգստի բեռնակիրների դուրս թռչող դանակներն ու ուսումնական նավերի կադետներին պատկանող առագաստների համար դանակները։

Երբ պատահում էր, որ Հերբերթը ուտում էր, նրանց մոտ շաբաթը երեք անգամ մատուցվում էին կարտոֆիլե յուղաբլիթներ, որոնք ոչ ոք գրեթե առանց ճարպի այդքան բարակ ու այդքան կրթկրթան չէր կարող պատրաստել, ինչպես Տրուչինսկի մայրիկը, կարճ ասած, երբ նա մի կողմ էր հրում ափսեն, ես նրան «Նորագույն լուրեր» էի մատուցում։ Նա շալվարակալները ցած էր գցում ուսերից, դուրս էր ցցվում իր վերնաշապիկի միջից և ինձ թույլ էր տալիս իր թիկունքին հարց ու փորձ անել՝ մինչ ինքը զբաղված էր ընթերցանությամբ։ Հարցեր֊պատասխաններ, այդ ժամվա ընթացքում Տրուչինսկի մայրիկը ևս մեծ մասամբ նստում էր սեղանի մոտ։ Քանդելով հին գուլպաների բրդյա թելերը՝ նա այդ ընթացակարգը ուղեկցում էր նվաստացնող ակնարկներով, և՝ առիթը բաց չթողնելով, ժամանակ առ ժամանակ, հիշեցնում էր իր ամուսնու սարսափելի մահվան մասին, լուսանկարի ռետուշավորման և նրա մահճակալի դիմաց ապակու տակ կախելու մասին։

Հարցումը սկսում էր, երբ ես մատով խեթում էի սպիներից մեկը։ Երբեմն մատի փոխարեն ես խեթում էի թմբուկի փայտիկով։

― Հլը մեկ էլ սեղմիր։ Չեմ հասկանում, թե որ մեկի մասին ես դու հարցնում։ Կա չկա նա ինձ մոտ այսօր քնած է։

Եվ ես ևս մեկ անգամ էի սեղմում, ավելի արտահայտիչ։

― Ախ, դա։ Դա ուկրաինացի էր։ Նրանք ընդհարվեցին գդինգենցի մի տիպի հետ։ Սկզբում եղբայրների նման նստած էին միևնույն սեղանի շուրջ։ Իսկ հետո նա, որ Գնինգենից էր, ուկրաինացուն ասաց ռուս։ Ուկրաինացին չէր կարող դրան դիմանալ, նրան ինչպես ուզում ես անվանիր, միայն թե ոչ ռուս։ Նրանք Վիսլայով ներքև էին իջել անտառանյութի ետևից, իսկ մինչ այդ երկու ուրիշ գետեր էին անցել, նրա մոտ էլ երկարաճիտք կոշիկի մեջ փող կար և դրա կեսի չափ նա արդեն Շտարբուշի մոտ քամուն է տվել, բոլորին խմիչք էր հյուրասիրել։ Իսկ այստեղ նրան ասում են ռուս, և ես ստիպված եմ նրանց բաժանել, կուլտուրական ձևով, ինչպես ես միշտ բաժանում եմ։ Իսկ ես առանց այդ էլ շատ գործեր ունեմ, և այստեղ ուկրաինացին ինձ ասում է՝ դու լեհուկ ես, ասում է, իսկ մի ուրիշ լեհ, որը ողջ օրը հողահան մեքենայով ճլցեխ է հանում, սա ինձ էլի ինչ֊որ մի բան է ասում, ոնց որ թե «նացիստ»։ Դե Օսկար, դու էլ հո գիտես, թե ինչպիսին է մեր Հերբերթ Տրուչինսկին, իսկ նա, որ հողահան մեքենայից է, հնոցապանի պես մի սփրտնաց տիպ, նույնպես մեկ֊երկու և պառկեց հանդերձապահարանի դիմաց։ Իսկ երբ ես միայն ուզում էի ուկրաինացուն բացատրել, թե ինչ տարբերություն կա լեհուկի և դանցիգյան երիտասարդի միջև, նա տարավ բերեց ու թիկունքից ինձ խոցեց՝ սա էլ հենց այդ սպին է։

Երբ Հերբերթը արտասանում էր «սա էլ հենց այդ սպին է», ամեն անգամ, կարծես իր խոսքերին ապացույց, շրջում էր թերթի էջը և մի կում ածիկի սուրճ էր խմում՝ մինչև թույլ կտար, որ ես մեկ կամ երկու անգամ սեղմեմ հերթական սպին։

― Ախ, դա։ Դե դա ընդհանրապես հեչ բան է, հիմարություն է։ Դա եղավ, երբ մոտ երկու տարի առաջ Փիլաուի մոտորանավակների նավատորմը այստեղ խարիսխ գցեց։ Տեսնեիք, թե ինչպես էին նրանք իրենց երևակայում։ «Կապույտ համազգեստներն» էին նվագում, բոլոր աղջիկները ուղղակի խելագարվում էին նրանց համար։ Թե ինչպես էր այդ հարբեցողը հայտնվել նավատորմում՝ ես միինչ օրս էլ չեմ հասկանում։ Նա Դրեզդենից էր, դու միայն մտածիր, Օսկար, Դրեզդենից։ Չնայած, դու իհարկե պատկերացում էլ չունես, թե դա ինչ բան է, երբ նավաստին ծնունդով Դրեզդենից է լինում։ Հերբերթի մտքերը, որոնք համառորեն վերադառնում էին Էլբայի վրայի չքնաղ քաղաքին, շեղելու և դրանք Նոյֆարվասեր տեղափոխելու համար ես մեկ անգամ ևս սեղմեցի այն, ինչպես ինքն էր կարծում, հիմար սպիի վրա։

Այո, իհարկե, ես արդեն ասացի, նա տորպեդահարող մոտորանավակի վրա էլ իրեն լավ տղա էր ձևացնում և ուզում էր մի լավ ձեռ առնել մի խելոք շոտլանդացու, որի տաշտակը կանգնած էր իր ցամաքային նավանորոգարանում։ Չեմբերլենի վերաբերյալ, անձրևանոցի և այլն։ Ես նրան հանգիստ խորհուրդ տվեցի բերանը փակել՝ նամանավանդ, որ շոտլանդացին ոչ մի բառ չէր հասկանում և միայն սփռոցի վրա շնապսով նախշեր էր առաջացնում։ Իսկ ես նրան ասացի՝ հանգստացիր, ասում եմ, տղաս, դու քո տանը չես, մեզ մոտ՝ այստեղ Ազգերի Լիգա է։ Իսկ այդ ապուշը ինձ ասում է, իր սաքսոնական բարբառով, դե, հասկանալի բան է, նա հենց այդտեղ էլ մռութին կերավ և անմիջապես հանգստացավ։ Իսկ մոտ կես ժամ անց, ես հենց կռացել էի գուլդենի ետևից, որն ընկել էր սեղանի տակ, սաքսոնացին դուրս հանեց իր փուշը ու արագ ծակեց։

Հերբերթը ծիծաղելով շարունակում է թերթել «Նորագույն լուրերը» և ասաց էլի․

― Այ հենց դա է, հենց այդ սպին է, ― ինչից հետո թերթը շարժվեց դեպի ինքն իրեն քթի տակ փնթփնթացող Տրուչինսկի մայրիկը, և Հերբերթը պատրաստվեց վեր կենալ։ Սակայն նախքան Հերբերթի զուգարան գնալը, ես նրա դեմքից էի տեսնում, թե ուր է նա պատրաստվում։ Իզուր չէ, որ նա սեղանի եզրից դեպի վեր էր ձգվում՝ ես արագ խեթկեցի խաղաթղթի երկար մասի երկարությամբ, մանուշակասև կարված ապիի վրա։

― Տղաս, Հերբերթը պետք է զուգարան գնա, իսկ հետո ես քեզ ամեն ինչ կպատմեմ։

Սակայն ես էլի խեթկում ու խեթկում էի, ոտքերով դոփելով, ինձ երեք տարեկան ձևացնելով, դա միշտ օգնում էր։

― Դե լավ։

― Որ դու վազն անցնես։ Որ դու ինձ հանգիստ թողնես։ Միայն թե կարճ։

Եվ Հերբերթը կրկին նստեց։ Դա տեղի ունեցավ երեսուն թվի Ամանորին։ Այն ժամանակ ամեն ինչ հանդարտ էր։ Ամեն անկյունում կանգնած էին բեռնակիրները և մրցում էին, թե ով ավելի հեռու կթքի։ Կեսգիշերային պատարագից հետո, իսկ մեր մոտ արդեն ջերմօղին էր պատրաստ, նավաստիների եկեղեցուց, որը մեր դիմաց է, դուրս հոսեցին սանրված, ամեն ինչը կապույտների ու լաքերի մեջ շվեդներն ու ֆինները։ Ես անմիջապես զգացի, որ վառվածի հոտ է գալիս, ինձ համար կանգնել եմ դռների մեջ, նայում եմ այդ աննկարագրելի աստիճան բարեպաշտ սֆաթներին ու մտածում, թե այդ ինչու են նրանք բոլոր կոճակները մատներով շոշափում, և այդտեղ էլ այն սկսվեց․ «Ախր, դանակներն են երկար, իսկ գիշերները՝ կարճ»։ Դե ֆիններն ու շվեդները միշտ էլ իրար առանձնապես շատ չեն սիրել։ Սակայն ինչ կապ ունի այստեղ Հերբերթ Տրուչինսկին, ուզում ես սպանի, ես չեմ հասկանում։ Ուղղակի նա այդպիսին է, լարովի է, որտեղ ինչ շիլա եփվի՝ նա արդեն հենց այնտեղ է, կարծես նրան բզում են։ Ես դուրս թռա դռնից, իսկ Շտարբուշը իմ ետևից գոռում է․ «Զգույշ եղիր, Հերբերթ», ― սակայն Հերբերթը ևս իր մարտական խնդիրներն ունի, նա ցանկանում է Պաստորին փրկել, սյսպիսի մի թուլակազմ երիտասարդի, որը վերջերս է Մալմյեից եկել, սեմինարիայից, և ֆինների ու շվեդների հետ եկեղեցում ոչ մի անգամ ամանորյա պատարագ չի մատուցել։ Հերբերթը ուզում էր նրան օգնել, որպեսզի նա ողջ ու առողջ վերադառնա տուն, սակայն դեռ չէր հասցրել բռնել աստծո մարդու մահուդից, երբ իմ թիկունքի մեջ ինչ֊որ բան խրվեց։ Ես դեռ մտածեցի․ «Ձեր նոր տարին շնորհավոր», չնայած, այդ ժամանակ Սուրբ Ծննունդի երեկո էր։ Իսկ երբ ուշքի եկա, պառկած եմ ես մեզ մոտ հենց վաճառասեղանի վրա, և իմ շատ չքնաղ արյունը անվճար թափվում է գարեջրի գավաթների մեջ, և արդեն կարմիր խաչի դեղարկղիկով շտապում է Շտարբուշը և ցանկանում է ցույց տալ, այսպես ասած, առաջին օգնությունը։

― Ախր ինչո՞ւ խցկվեցիր, ― զայրացավ Տրուչինսկի մայրիկը և իր փնջի միջից քաշեց դուրս հանեց շյուղը։ ― Ախր, դու երբեք եկեղեցի չէիր գնում։ Նույնիսկ հակառակը։

Հերբերթը ձեռքը թափ տվեց, այնուհետև վերև չհանելով շալվարակալները և վերնաշապիկը իր ետևից քարշ տալով, դանդաղ քայլեց դեպի զուգարան։ Քայլեց զայրացած և ճանապարհին զայրացած ասաց․ «Ահա նա՝ այդ սպին», մի խոսքով, ճամփա ընկավ այնպես, կարծես այդ արշավով ցանկանում էր մեկընդմիշտ տարանջատվել եկեղեցուց և նրա հետ կապված դանակահարությունից։ Կարծես զուգարանը հենց հատկապես այն տեղն էր, որտեղ մարդը ազատամիտ է դառնում և կամ ամրապնդվում է իր ազատամտության մեջ։

Մի քանի շաբաթ անց ես Հերբերթին գտա սակավախոս և իմ հարցերին պատասխանելու անպատրաստ։ Նա ինձ թվաց մռայլ՝ չնայած նրա թիկունքին պակասում էր սովորական դարձած վիրակապը։ Ավելին, ես տեսնում էի, որ նա հյուրասենյակում, բազմոցի վրա լիովին նորմալ պառկած է մեջքի վրա, այլ ոչ թե վիրավորի պես իր անկողնում, սակայն, բայցևայնպես, նա ծանր վիրավորի տպավորություն էր թողնում։ Ես լսում էի, թե ինչպես է Հերբերթը հոգոց հանում, ինչպես է դիմում Աստծուն, Մարքսին ու Էնգելսին ու անիծում աշխարհում ամեն բան։ Ժամանակ առ ժամանակ նա վեր էր նետում բռունցքը, ապա այն գցում էր իր կրծքին, նույն գործողությունը կատարում էր նաև մյուս բռունցքի հետ՝ մի խոսքով, կուրծք էր ծեծում և երբ նա գոռում էր «Mea culpa, mea maxima culpa»[8], նման էր կաթոլիկի։

Պարզվում է, որ Հերբերթը սպանել է լատվիացի մի կապիտանի։ Սակայն դատարանը Հերբերթին արդարացրեց։ Նա, ինչպես դա հաճախ է լինում նրա մասնագիտության տեր մարդկանց հետ, գործել էր անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում։ Սակայն, չնայած արդարացման դատավճռին, լատիշը այդպես էլ մնաց մեռած լատիշ և մատուցողի վրա դարձավ ծանր բեռ՝ չնայած մարդիկ ասում էին, որ դա մի թուլակազմ մարդ էր և, բացի այդ, ստամոքսի հիվանդություն ուներ։

Հերբերթը այլևս աշխատանքի չէր գնում։ Նա ազատվեց։ Պանդոկի տնորեն Շտարբուշը հաճախ էր նրան այցելում, նստում էր բազմոցին կամ Տրուչինսկի մայրիկի կողքի խոհանոցային սեղանի մոտ, պորտֆելից Հերբերթի համար հանում էր գիհու օղիով շիշը, իսկ մայրիկի համար՝ կես ֆունտ չտապակած հատիկավոր սուրճ՝ Ազատ նավահանգստից։ Այնուհետև նա փորձում էր համոզել կա՛մ Հերբերթին, կա՛մ Տրուչինսկի մայրիկին՝ համոզելու իր որդուն։ Սակայն Հերբերթը մնում էր անհողդողդ՝ կամ մեղմ։ Կարելի է ասել՝ և՛ այսպես, և՛ այնպես։ Նա այլևս չէր ցանկանում (առավել ևս Նոյֆարվասերում, նավաստիական եկեղեցու դիմաց) ծառայել որպես մատուցող։ Եվ ընդհանրապես ես այլևս որպես մատուցող չէի ուզում ծառայել։ Նրան, ով մատուցող է ծառայում, դանակահարում են, իսկ ում դանակահարում են, նա վաղ թե ուշ կսպանի փոքրամարմին լատվիացի կապիտանին՝ միայն այն պատճառով, որ կցանկանա այդ կապիտանին ետ հրել, միայն այն պատճառով, որ չի ցանկանա, որպեսզի լատվիական դանակը, ֆիննականների, շվեդականների, լեհականների, ազատ քաղաքացիների ու կայսերական դանակների հետ, ոմն Հերբերթ Տրուչինսկու լայնքով ու երկայնքով կտրատված թիկունքի վրա ավելացնի նաև լատվիական սպին։

― Ավելի լավ է ես դառնամ մաքսավոր, քան թե կրկին Նոյֆարվասերում որպես մատուցող աշխատեմ, ― ասաց Հերբերթը։ Սակայն նա մաքսավոր չդարձավ։


Նիոբեա

Երեսունութ թվին բարձրացվեցին մաքսային հարկերը և ժամանակավորապես փակվեցին Լեհաստանի և Ազատ Դանցիգ քաղաքի միջև սահմանները։ Այժմ իմ տատիկը շուկայական օրերին չէր կարող մերձքաղաքային գնացքով գալ Լանգֆուր և ստիպված էր փակել իր ծածկողի կրպակը։ Նա, եթե կարելի է այսպես արտահայտվել, մնաց իր ձվերի վրա նստած՝ թուխս նստելու առանձնահատուկ ցանկություն չունենալով հանդերձ։ Նավահանգստում վերև, դեպի երկինք էր խոյացել ծովատառեխի գարշահոտը, ապրանքը կուտակվում էր, պետական այրերը հանդիպումներ էին անցկացնում և միասնական էին իրենց որոշումներում, միայն իմ գործազուրկ ընկեր Հերբերթն էր, որ բազմոցի վրա պառկած և, որպես իսկական մտածող, խոհերին տրված, տառապում էր հիասթափությամբ։

Ընդ որում՝ մաքսատունը տալիս էր աշխատավարձ և տալիս էր հաց։ Տալիս էր նաև կանաչ համզգեստներ և կանաչ սահման, որն արժեր պահպանել։ Հերբերթը մաքսատուն գնաց։ Հերբերթը մատուցողի աշխատանքին չվերադարձավ, Հերբերթը ցանկանում էր պառկել բազմոցի վրա և մտորել։

Սակայն մարդը պետք է աշխատանք ունենա։ Միայն Տրուչինսկի մայրիկը չէ, որ այդպես էր մտածում։ Չնայած նա չէր ձգտում, տնօրեն Շտարբուշի դրդմամբ, Հերբերթին համոզել Ֆարվասերում կրկին սկսել։ Այնուամենայնիվ, նա ևս գտնում էր, որ Հերբերթին պետք է վեր բարձրացնել բազմոցի վրայից։ Անձամբ նրան ևս ձանձրացրել էր իրենց երկուսենյականոց բնակարանը, և նա այժմ միայն ձևի համար էր մտորում ու մի գեղեցիկ օր, նավահանգստում աշխատանք փնտրելով, սկսեց կարդալ «Նորագույն լուրերում» և, չնայած ոչ առանց զզվանքի, «Ֆորպոստում» եղած հայտարարությունները։ Ես ուրախ կլինեի նրան օգնել։ Մի՞թե այնպիսի մարդը, ինչպիսին Հերբերթն է, նավահանգստային արվարձանում իրեն արժանի զբաղմունքից բացի պիտի հավելյալ եկամուտի աղբյուրներ փնտրի։ Աշխատանքի որոնումներ, պատահական աշխատանաք հոտած ծովատառեխների թաղում։ Ես չէի կարողանում Հերբերթին պատկերացնել ծովապատնեշի վրա կանգնած, թութունով տարված, ճայերի վրա թքելիս։ Իմ մեջ գաղափար հղացավ, ես Հերբերթի հետ մեկտեղ լիովին կարող էի ստեղծել համատեղ ձեռնարկություն, շաբաթը կամ նույնիսկ ամիսը մեկ անգամ երկժամյա լարված աշխատանք, և մենք ապահովված մարդիկ կդառնանք։ Օսկարը, որն այդ ոլորտում մեծ փորձ էր ձեռք բերել, կարող էր իր դեռևս ալմաստե ձայնով կտրել արժանի ցուցանմուշներով ցուցափեղկեր և միաժամանակ աթանդա կկանգներ, իսկ Հերբերթը անմիջապես, ինչ են դա ասում, կհայտնվեր ձեռքի տակ։ Մեզ զոդիչ սարքեր, բանալիների կրկնօրինակներ, գործիքներով լի արկղեր պետք չէին գա։ Մենք գործը գլուխ կբերենք առանց կաստետի ու հրազենի։ «Սև ագռավը» և մենք՝ սրանք իրարից առանձին գոյություն չունեցող երկու աշխարհներ էին, որոնք միմյանց դիպչելու անհրաժեշտություն չունեին։ Իսկ առևտրի ու գողության աստված Մերկուրին մեզ կբարեմաղթեր, քանզի ես՝ Կույս նշանի տակ ծնվածս, կրում էր նրա կնիքը, որով հարկ եղած դեպքում կարծր առարկաների վրա կնիք էի դնում։

Տվյալ դրվագը լռության մատնելու իմաստ չկա։ Կշարադրեմ կարճ, և պետք չէ սա ինքնակամ խոստովանություն համարել․ այն ժամանակահատվածում, երբ նա գործազուրկ էր, Հերբերթն ու ես ձեռնարկեցինք սովորական չափերի երկու ներխուժումներ նրբաճաշակ սննդի կրպակներ և մեկ արտակարգը՝ մորթիների խանութ․ երեք սևագորշ աղվեսի մորթի, մեկ փոկ, մեկ կարակուլե ձեռնամուշտակ և կարմիր, չնայած ոչ թանկարժեք մտրուկամորթուց վերարկու, որը, հավանաբար, մեծագույն հաճույքով կհագներ իմ մայրիկը՝ այդպիսին էր մեր ձկան որսը։

Սակայն, եթե մենք հետագայում կողոպուտներից հրաժարվեցինք, ապա դա ոչ այնքան անտեղի, բայցևայնպես հոգնեցուցիչ մեղքի զգացումի պատճառով էր, որքան մեր որսի վաճառքի հետ կապված մեծացող դժվարությունների պատճառով։ Բարիքը շահավետ վաճառելու համար Հերբերթը պետք է կրկին մեկներ Նոյֆարվասեր, քանզի միայն նավահանգստային արվարձանում էին հարմար միջնորդներ գտնվում։ Սակայն քանի որ հիշատակված տեղանքը նրան կրկին ու կրկին հիշեցնում էր թուլակազմ և ստամոքսի հիվանդությամբ տառապող լատվիացի կապիտանի մասին, նա որտեղ ասես ուղարկում էր մեր բարիքները, գլուխը ազատում էր մեր բարիքներից․ Շախաուգրասեի վրա, Հաքելյան գործարանի մոտ, Բյուերվիզենի վրա, ամենուր՝ միայն ոչ Նոյֆարվասերում, որտեղ մորթիները կգնեին առանց մտածելու։ Ահա թե ինչու էր ավարի վաճառքը երկարաձգվում այնքան ժամանակ, որ նրբաճաշակ մթերքների կրպակներից ապրանքները վերջ ի վերջո մշտական բնակություն էին հաստատում Տրուչինսկի մայրիկի խոհանոցում, և նույնիսկ նա նրան կարակուլե ձեռնամուշտակ նվիրեց, իսկ ավելի ստույգ՝ փորձեց նվիրել։

Ձեռնամուշտակը տեսնելով՝ Տրուչինսկի մայրիկը լուրջ ձևով տրամադրվեց։ Չնայած նա մթերքները ընդունում էր անտրտունջ, հնարավոր է, մտածելով, օրենքով չարգելված սովի հագեցման համար, գողության մասին, սակայն ձեռնամուշտակը նշանակում էր ճոխություն, իսկ ճոխությունը նշանակում էր բանտ։ Այսպես պարզ և այսպես ճիշտ էր մտածում Տրուչինսկի մայրիկը, նա մկան աչքեր ընդունեց և շյուղը մազերի միջից քաշեց և շյուղը ձեռքին ասաց․ «Դու դեռ կտաս քո վերջը, ինչպես հայրդ տվեց իր վերջը», ինչից հետո Հերբերթի ձեռքը մտցրեց ոչ այն է «Նորագույն լուրերը», ոչ այն է «Ֆորպոստը», ինչը, եթե արտահայտենք բառերով, նշանակում էր՝ իսկ հիմա դու կգնաս ու քեզ վայել աշխատանք կգտնես, ոչ թե ինչ֊որ պատահական փող աշխատելու մի անօրինական ձև, եթե ոչ՝ ես չեմ եփի֊թափի քեզ համար։

Հերբերթը էլի մոտ մեկ շաբաթ ընկած մնաց բազմոցի վրա, որը նախանշված էր մտորումների համար, բորբոռում էր ու խոսել չէր ուզում ո՛չ սպիների և ո՛չ էլ բազմախոստում ցուցափեղկերի գայթակղությունների մասին։ Ես լիովին ըմբռնումով ընկալեցի իմ ընկերոջը, հնարավորություն տվեցի, որպեսզի նա մինչև քնելը ազատվի հոգևոր տանջանքների ավելցուկներից, ինքս ժամանակ էի մեռցնում ժամագործ Լաուբշադի մոտ, նրա՝ ժամանակ խժռող ժամացույցներով շրջապատված, բախտս մեկ անգամ ևս փորձեցի երաժիշտ Մայնի մոտ։ Սակայն վերջինս այլևս իրեն թույլ չէր տալիս խմել մի գավաթ։ Նրա չորս կատուները, որոնք վերապրուկներն էին նրա հարբեցողության (սակայն չափազանց երաժշտական) ժամանակների, վատ սննդից նվաղում էին։ Մինչդեռ Մացերատին, որը, քանի դեռ ողջ էր մայրիկս, խմում էր միայն ի սեր ընկերության, ես երեկոյան ժամերին հաճախակի բռնացնում էի փոքրիկ բաժակի դիմաց՝ ապակե աչքերով։ Նա թերթում էր լուսանկարներով ալբոմը, ինչպես այժմ ես եմ անում՝ ձգտելով փոքրիկ, լավ կամ վատ լուսավորված քառանկյունիների մեջ կենդանացնել իմ խեղճ մայրիկին։ Կես գիշերին մոտ լաց լինելու տրամադրություն ուներ, օգնության էր կանչում մեկ Հիտլերին, մեկ Բեթհովենին, որոնք նախկինի պես մռայլ դեմքով կախված էին դեմ դիմաց։ Օգնություն էր կանչում՝ անցում կատարելով վստահաբար «դուի» և կարծես թե խուլ հանճարից ստանում էր պատասխան, այն դեպքում, երբ գինեժուժկալ ֆյուրերը լռում էր, քանզի Մացերատը՝ բջջային օղակի փոքր, հարբած ղեկավարը, արժանի չէր նախախնամության հոգածությանը։

Երեքշաբթի օրերից մի օր, նման ճշգրիտ հիշողությունները ինձ թմբուկն է պարգևում, գործը ինքնըստինքյան հասունացավ։ Հերբերթը պճնվեց, այլ խոսքով, Տրուչինսկի մայրիկին թույլ տվեց սառը սուրճով մաքրել կապույտ, վերևի մասում նեղ, ներքևում լայն շալվարը, միաձուլվեց իր խարիսխե կոճակներով կոստյումին, իսկ սպիտակ մետաքսե շարֆը, որը ձեռք էր բերել Ազատ նավահանգստում, օծեց օդեկոլոնով, որն իր հերթին աճել էր նույն նավակայանների միջև ընկած անմաքս ուղեմասերում, և շուտով մեր առջև նա հայտնվեց քառակուսի ու անշարժ կապույտ գլխարկը գլխին։

― Գնամ, տեսնեմ ինչ կա այնտեղ անաշխատ եկամուտների մասով։ Եվ առավել համարձակության համար թխկոցով դեպի ձախ թեքեց արքայազն Հայնրիխի հիշատակի գլխարկը։ Տրուչինսկի մայրիկը իջեցրեց թերթը։ Հաջորդ օրը արդեն Հերբերթը ունեցավ և՛ ծառայություն, և՛ համազգեստ։ Այժմ նա քայլում էր մուգ մոխրագույնով, այլ ոչ թե մաքսային կանաչով, նա այժմ ծովային թանգարանի վերակացուն էր։

Ինչպես պահպանման արժանի այս քաղաքի ամեն ինչը, ծովային թանգարանի գանձերը լրացնում էին, դիմացի մասից պահպանված սանդղամուտքով և արտասովոր՝ չնայած որ ճակատային մասում պատկերավոր զարդարանքով նույնպես թանգարանային տեսք ունեցող, պատրիցիական տունը, իսկ ներսում՝ կաղնեփայտի վրա արված փորագրություններն ու պտուտակաձև աստիճանները։ Այստեղ ցուցադրում էին առևտրական քաղաքի հատուկ քարտագրացուցակներում անմահացված պատմությունը, որը կարողանում էր իր անփոփոխ ծառայությունը համարել բազմաթիվ հզոր, սակայն մեծ մասամբ աղքատ հարևանների կողքին անասելի հարստության հասնելու իր ընդունակությունը, և հասնելուց հետո՝ պահպանումը։ Օ, պատվոգրերով անմահացած այդ արտոնությունները, որոնք ետ էին գնվել միաբանությունների մագիստրոսներից ու լեհական արքաներից։ Այդ խայտաբղետ փորագրությունները՝ պատկերումները բազմաթիվ պաշարումների, որին ենթարկվել է Վիսլայի գետաբերանի ծովային ամրոցը։ Ահա մշտապես սաքսոնական թագավորից փրկվելով՝ քաղաքի պատերի մեջ է մնացել դժբախտ Ստանիսլավ Լեշչինսկին։ Յուղանկարը պարզորոշ ցույց է տալիս, թե ինչ աստիճան է նա սարսափած։ Ե՛վ գահերեց արքեպիսկոպոս Պոտոցկին, և՛ ֆրանսիական դեսպանորդ դը Մոնտին սարսափելու աստիճան վախեցած են, քանզի ռուսները գեներալ Լասկայի գլխավորությամբ պաշարել են քաղաքը։ Այդ ամենը նկարված է նրբագույն ձևով, նույնիսկ հեշտությամբ կարելի է ընթերցել շուշաններով դրոշների տակ խարսխակայանում կանգնած ֆրանսիական նավերի անվանումները։ Սլաքը ցույց է տալիս․ այս նավի վրա թագավոր Ստանիսլավ Լեշչինսկին փախավ Լոթարինգիա, երբ ստիպված եղավ օգոստոսի երեքին քաղաքը հանձնել։ Սակայն ի ցույց դրված ցուցանմուշների մեծ մասը կազմում էին այն ավարները, որոնք բերել էին հաղթանակած պատերազմից, քանզի շատ հազվադեպ տանուլ տված պատերազմները գրեթե ընդհանրապես ոչ մի դեպքում թանգարանային ավարներ չեն ներկայացնում։

Հավաքածուի հպարտությունն էր կազմում ֆլորենտական գալյայդեից բերված գալիոնյան ֆիգուրը, որը չնայած հավելագրված էր Բրյուգտե նավահանգստին, պատկանում էր Ֆլորենցիայում ծնված վաճառականներին, կապիտաններ Պաուլ Բենկերին ու Մարտին Բարդևիկին հազար ինը հարյուր յոթանասուներեք թվի ապրիլին, գելանդական ափի մոտ Սլագելսե նավահանստի դիմաց երթևեկելով, հաջողվեց գրավել այդ գալլայդդեն։ Գրավումից անմիջապես հետո ոչնչացրին բազմամարդ անձնակազմը սպաների ու կապիտանի հետ մեկտեղ, իսկ բուն նավն ու նրա պարունակությունը հասցվեցինԴանցիգ։ Նկարիչ Մեմլինգի «Ահեղ դատաստանի» հետ ներդաշնակ է նաև մկրտության ոսլե թասը՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը պատրաստված էի ֆլորենտացի Տանիի պատվերով ֆլորենտական եկեղեցիներից մեկի համար՝ որոնք ցուցադրված էին Մարիենկիրխում։ Որքանով ինձ հայտնի է, «Ահեղ դատաստանը» նաև այսօր սփոփանք է պարգևում Լեհաստանի կաթոլիկական աչքին։ Առայժմ պարզված չէ, թե պատերազմից հետո ինչ ճակատագրի արժանացավ գալիոնյան ֆիգուրը։ Իսկ մի ժամանակ այն պահպանում էր ծովային թանգարանը։

Փայտե փարթամ, կանաչ, մերկ կինը, որն՝ անփութորեն խաչած և նպատակասլաց կրծքերից վերևում բոլոր մատները ցուցադրող, վերկարկառած ձեռքերի տակից, սաթե աչքերով նայում էր ուղիղ իր առջև։ Եվ ահա այդ կինը, այդ գալիոնյան ֆիգուրը դժբախտություն էր բերում։ Նրան փայտի վրա փորագրողի, որն անուն էր հանել նմանատիպ ֆիգուրներ պատրաստելու շնորհիվ, վաճառական Պորտինարին պատվիրել էր վերականգնել այն ֆլամանդական աղջկա համաչափությունները, որը սիրելի էր նրա սրտին։ Սակայն կանաչ ֆիգուրը դեռ նոր էր վեր խոյացել գալեասի բուգշպրիտի վերևում, անձամբ աղջկան, ինչպես ընդունված էր այն ժամանակներում, մեղադրեցին կախարդանքի մեջ։ Իսկ մինչ նրան պայծառ կրակի մեջ այրելը՝ տանջանքների ենթարկման արդյունքում նա ցուցմունք տվեց իր բարերարի՝ ֆլորենտացի վաճառականի և դրա հետ մեկտեղ՝ քանդակագործի վերաբերյալ, որն այդքան լավ էր վերականգնել նրա չափերը։ Ասում են, որ Պորտինարին կախվեց, քանի որ վախենում էր խարույկից, կտրեցին նաև քանդակագործի տաղանդաշատ ձեռքերը, որպեսզի այսուհետ նա նման ցանկություն չունենա։ Բրյուգտեի դատավարությունը իր վրա մեծ ուշադրություն հրավիրեց, քանզի Պորտինարին շատ հարուստ մարդ էր, իսկ գալիոնյան ֆիգուրով նավը ընկավ Պաուլ Բենկեի ծովահեն հրոսակախմբի ձեռքը։ Երբ այն գրավվեց դավաճանման միջոցով, սինյոր Տանին՝ երկրորդ վաճառականը, ծովահենների հարվածների տակ ընկավ, և հենց Պաուլ Բենկեն ինքը շուտով գնաց նրա ետևից, մի քանի րոպե անց հարազատ քաղաքի պատրիցիաները գտան, որ նա արժանի չէ ներման ու խեղդեցին բակում, Հարկաշար աշտարակից քիչ հեռու։ Նավերը, որոնց վրա Բենկեի մահից հետո կանգնեցնում էին այդ ֆիգուրը, այրվում էին անմիջապես տեղադրվելուց հետո, դեռ նավահանգստում։ Դրան գումարած՝ կրակ դես ու դեն գցելով, տեղափոխում էին այլ նավերի վրա, բնական է, ֆիգուրից բացի՝ ֆիգուրը կրակի համար անխոցելի էր, իսկ շնորհիվ իր համաչափ համամասնությունների, այն կրկին ու կրկին սիրողներ էին գտնվում նավատերերի շրջանում։ Սակայն բավական էր, որ այդ կինը նավի քթամասում զբաղեցներ իր տեղը, նրա թիկունքում խժդժություն էր սկսվում մինչ այդ խաղաղասեր անձնակազմի մեջ, ինչից անձնակազմի թվաքանակը բավական փոքրանում էր։ Բավականին ընդունակ Էբերհարդ Ֆերբերի առաջնորդությամբ հազար հինգ հարյուր քսաներկու թվին դանցնգյան նավատորմի անփառունակ արշավանքը ընդդեմ Դանիայի հանգեցրեց Ֆերբերի անկմանը և բուն քաղաքում արյունալի խռովությանը։ Պարտությունը, ճիշտ է, խոսում է կրոնական տարաձայնությունների մասին, քսաներեք թվին բողոքական քահանա Հեգգեն պատկերամարտող ամբոխին գրոհի առաջնորդեց քաղաքի յոթ ծխական եկեղեցիների վրա, մենք, սակայն, այդքան երկար ձգված դժբախտության համար մեղքը կբարդենք գալիոնյան ֆիգուրի վրա․ նա էր զարդարում ֆերբերյան նավի գլխամասը։

Երբ հիսուն տարի հետո Ստեֆան Բատորիյը զուր պաշարում էր քաղաքը, վանքի վանահայր Կասպար Յեշկեն ամեն ինչում ուղղակի մեղադրեց գալիոնյան ֆիգուրին՝ այդ մեղսական կնոջը։ Լեհերի թագավորը այն քաղաքից որպես նվեր ստացավ, իր հետ տարավ զորքի հանգստատեղ և սկսեց ունկնդրել նրա վատ խորհուրդները։ Փայտե կինը ինչ աստիճանի ազդեցություն էր ունեցել շվեդական արշավանքների վրա, ընդդեմ քաղաքի, բազում տարիներ կալանավորված կրոնական մոլեռանդ Էզիդիուս Շթրաուխի վրա, որը շվեդների հետ գաղտնի բանակցություններ էր վարում, և պնդում էր, որպեսզի կրակի մատնեն կրկին քաղաք վերադարձած կանաչ կնոջը, մեզ հայտնի չէ։ Եթե հավատանք չապացուցված ասեկոսներին, Սիլեզիայից փախած Օպից անունով բանաստեղծը իր օթևանը գտել է քաղաքում, սակայն մահացել է ժամկետից շուտ, քանզի ինչ֊որ պահեստում թափառելով՝ դեմ է առել մահաբեր ֆիգուրին և փորձել է այն գովերգել իր բանաստեղծություններում։

Միայն տասնութերորդ դարի վերջին մոտ, Լեհաստանի բաժանումների ժամանակաշրջանում, պրուսացիները, որոնք ստիպված եղան ուժով գրավել քաղաքը, «փայտե Նիոբեայի» վրա պրուսական թագավորական արգելք հրապարակեցին։ Փաստաթղթերով առաջին անգամ նրան կոչեցին իր անունով և միաժամանակ էվակուացիայի ենթարկեցին կամ, ավելի ստույգ, բանտարկեցին Հարկաշարային աշտարակում, որի բակում էլ հենց խեղդել էին Պաուլ Բենկեին, և որի պատշգամբասրահում էլ հենց ես առաջին անգամ հաջողությամբ փորձարկեցի տարածության վրա իմ ձայնի գործողությունը։ Բանտարկեցին այնտեղ, որպեսզի նա տասնհինգերորդ դարը հանգիստ անցկացնի մարդկային երևակայության ամենանրբաճաշակ նմուշների, այսինքն՝ տանջանքի գործիքների կողքին։

Սակայն երբ երեսուներկու թվին ես բարձրացա Հարկաշարային աշտարակի վրա և իմ ձայնով խոցեցի Քաղաքային թատրոնի ճեմասրահի պատուհանները, Նիոբեային, որին ժողովուրդը կանաչ Մարիել կամ կանաչագույն Մարիել է անվանում, Աստծո շնորհիվ արդեն շատ տարիներ առաջ հեռացել էր աշտարակի տանջանքների խցից։ Ով գիտե, հակառակ դեպքում կհաջողվե՞ր արդյոք դասական շինության վրա իմ հարձակումը, թե ոչ։

Իհարկե, դա չտեղեկացված թանգարանի օտարամուտ տնօրենն էր, որ Նիոբեային դուրս բերեց նրա վրա բարերար ազդեցություն թողնող տանջանքների խցից և, Ազատ քաղաքի կազմավորումից քիչ անց, այն տեղադրեց կրկին հիմնադրված Ծովային թանգարանում։ Շուտով այդ խանդավառ անձը մահացավ արյան վարակից, որը վաստակեց, երբ ամրացնում էր ցուցանակը գրությամբ, որ այստեղ ցուցադրվում է գալիոնյան ֆիգուրը, որն արձագանքում է Նիոբեա անունին։ Նրա հետնորդը, որ քաղաքի պատմության շրջահայաց գիտակ էր, ցանկացավ կրկին մի կերպ Նիոբեային հեռացնել որքան հնարավոր է հեռու։ Նա մտածեց այդ վտանգավոր փայտե կույսը նվիրել Լյուբեկ քաղաքին, և միայն այն պատճառով, որ լյուբեկցիները մերժեցին սույն նվերը, Տրավայի գետաբերանի այդ քաղաքը, եթե չհաշվենք նրա աղյուսե եկեղեցիները, լիովին բարեհաջող վերապրեց ռմբակոծությունները։

Նիոբեան, նույն ինքը՝ Կանաչ Մարիելը, այդպես էլ մնաց թանգարանում և գրեթե տասնչորս տարի օժանդակեց երկու տնօրենների մահանալուն․ ոչ այն շրջահայացի՝ նա սեփական խնդրանքով այլ աշխատանքի տեղափոխվելու թույլտվություն ստացավ՝ ֆիգուրի ոտքերի մոտ ծեր հոգևորականի մահվանից, Տեխնիկական ինստիտուտի ուսանողներից մեկի, Պետրովյան գիմնազիայի երկու ավագ դասարանցիների, որոնք հենց նոր հաջողությամբ հանձնել էին հասունության վկայականի քննությունները, և չորս լիովին պատվարժան, մեծ մասամբ ամուսնացած վերակացուների բռնի մահով կյանքից հեռանալուց հետո։

Նրանց բոլորին, ներառյալ նաև ուսանողին, հայտնաբերել էին ուրախությունից փայլող դեմքով և կրծքի մեջ խրված սուր առարկաների այն տարատեսակներով, որպիսին կարելի է միայն գտնել Ծովային թանգարանում․ առագաստների կտրիչներ, նավաճանկման կեռիկներ, հարպուններ, Ոսկե ափից բերված նիզակների նուրբ հատված ծայրապանակներ, առագաստ կարելու ասեղներ։ Միայն վերջին գիմնազիստն էր, որ սկզբում ապավինեց գրչահատ դանակին և հետո միայն՝ սովորական դպրոցական կարկինին, քանզի նրա մահվանից քիչ առաջ բոլոր սուր ցուցանմուշները կա՛մ ամրացվել էին շղթաներով, կա՛մ թաքցվել ապակու տակ։

Չնայած սպանության գծով հանձնաժողովների քրեագետները ամեն անգամ պնդում էին ողբերգական ինքնասպանության մասին, քաղաքով մեկ և նույնիսկ թերթերի էջերում լուրեր էին շրջում, համաձայն որոնց «այդ բոլորը Կանաչ Մարիչկան սեփական ձեռքերով է գործում»։ Նիոբեայի վրա ընկան լուրջ կասկածանքներ, որ հենց նա է ստիպողաբար այն աշխարհ ուղեկցել տղամարդկանց ու տղաներին։ Տաք բանավեճեր էին ընթանում «Նիոբեա» թեմայով, մի շարք թերթերում հիմնադրվեցի հատուկ սյունակներ՝ մտքերի ազատ փոխանակման համար։ Այնտեղ խոսք էր գնում մահվան ելքով դեպքերի մասին։ Քաղաքի վաչակազմը պարզաբանումներ էր տալիս հնացած սնահավատությունների մասին, ոչ ոք մտադիր չէ հապճեպորեն քայլեր ձեռնարկել, քանի դեռ չի ապացուցվի, որ այստեղ ինչ֊որ խորհրդավոր բան է տեղի ունենում։

Ահա թե ինչու է Կանաչ փայտի կտորը մնում թանգարանի զարդը, քանի որ Օլիվի գավառագիտական թանգարանը և Ֆլայշերգրասեի Քաղաքայինը և Յունկերական տնտեսության վարչությունը կտրականապես հրաժարվում էին իրենց մոտ օթևան տալ տղամարդկանց այս որսն անող անձնավորությանը։ Թանգարանին վերակացուներ չէին բավարարում։ Եվ ոչ միայն վերակացուներն էին հրաժարվում հսկել փայտե կույսին։ Նույնիսկ այցելուներն էլ էին շրջանցում սաթ աչքերով կնոջը։ Երկար ժամանակ քանդակին անհրաժեշտ կողային լուսավորություն Վերածննդի շրջանի պատուհանների այն կողմում լռություն էր տիրում։ Նրա վրա փոշի էր նստում։ Հավաքարարուհիները հրաժարվում էին այստեղ գալ։ Ժամանակներ առաջ այդքան ձանձրացնող ֆոտոլրագրողները, որոնցից մեկը այն բանից հետո, երբ իր օբյեկտիվը ուղղեց գալիոնյան ֆիգուրի վրա, չնայած որ մահացավ բնական, սակայն հաշվի առնելով դրան նախորդած լուսանկարը, ոչ լիովին հասկանալի մահով, դադարեցին ոչ միայն Ազատ քազաքի, Լեհաստանի, Գերմանական Ռայխի և նույնիսկ Ֆրանսիայի թերթերին ուղարկել սպանիչ արարումի լուսանկարները այլև հակառակը, իրնց արխիվներում ոչնչացրեցին Նիոբեայի դիմանկարները, իսկ դրանից հետո անջնջելի պատկերում էին բացարձակապես միայն տարբեր նախագահների, պետությունների ղեկավարների, արտաքսված թագավորների։

Առաջին իսկ աշխատանքյին օրը ես Հերբերթին ուղեկցեցի մինչև Մաքս֊Հայցե֊պլացի տրամվայի կանգառը։ Ես նրա համար շատ անհանգիստ էի։

― Ե՛տ գնա, Օսկա՛ր, ես քեզ ինձ հետ այնտեղ չեմ կարող տանել։

Սակայն ես իմ թմբուկի ու փայտիկի հետ այնքան ջանասիրաբար նրա գլուխը տարա, որ նա ի վերջո ասաց․

― Դե լավ։ Ինձ հետ կհասնես մինչև Բարձր դարպասները։ Իսկ հետո կգնաս տուն ու չարություն չես անի։

Սակայն Բարձր դարպասների մոտ ես չցանկացա հինգ համարով վերադառնալ տուն, և Հերբերթը ինձ հասցրեց մինչև Սուրբ հոգու փողոց, արդեն սանդղամուտքի մոտ մեկ անգամ ևս փորձեց ինձանից գլուխն ազատել, հետո խորը արտաշնչելով ինձ համար մուտքի մանկական տոմս գնեց։ Ճիշտ է, ես արդեն տասնչորս տարեկանի էի և ներս պետք է մտնեի չափահասի տոմսով, սակայն դա նրանց չէր վերաբերում։ Մենք հանգիստ բարեկամական օր անցկացրինք։

Այցելուներ չկան, հսկելու բան չկա։ Երբեմն ես կես ժամվա չափ թմբկահարում էի, երբեմն Հերբերթն էր մեկ ժամ նիրհում։ Նիոբեան ուղիղ իր դիմաց չռել էր սաթե աչքերը և կրծքերը ուղղում էր դեպի նպատակակետը, որն ամենևին էլ մեր նպատակակետը չէր։ Մենք գրեթե չէինք մտածում նրա մասին։

― Ընդհանրապես իմ ճաշակով չէ, ― ձեռքը թափ տվեց Հերբերթը, ― դու միայն նայիր այդ ճարպի ծալքերին ու այդ կրկնակզակին։ Հերբերթը գլուխը քիչ թեքեց դեպի ուսը և շարունակեց ուսումնասիրությունը։

― Իսկ այդ գործատեղը, ախր դա երկփեղկանի պահարան է, իսկ Հերբերթը, նա հարգում է նրբագեղ տիկնանց, այսպիսիներին, դե հասկանում ես, տիկնիկներին։

Ես լսում էի, թե Հերբերթը ինչպես է մանրամասներով ու գունազարդությամբ պատկերում այս մասով իր նախապատվությունները, ես նայում էի, թե ինչպես է նա իր հզոր թաթերով ծեփում֊քանդակում կանանց սեռի սլացիկ ներկայացուցչի ուրվագծերը, որոնք երկար ժամանակ և, ճիշտն ասած, մինչև օրս էլ, նույնիսկ քույրական խալաթի տակ թաքնված, ինձ համար մնում են կնոջ կատարելություն։

Թանգարանում մեր ծառայության արդեն երրորդ օրը մենք կանգնեցինք դռների դիմացի աթոռը կորցնելու վտանգի առջև։ Մաքրությունը պատրվակ օգտագործելով (իսկ դահլիճը իսկապես էլ սարսափելի տեսք ուներ), ավլելով փոշին, սարդոստայնը և պատի կաղնե տախտակադրվագի վրայի միջատներին, և բառիս բուն իմաստով դեպի «Մարիելի մաքուր վերնասենյակը» ճանապարհ հարթելով, մենք մոտեցանք լուսավորված ու ստվերներ անդրադրձնող փայտե կնոջ կանաչ ֆիգուրին։ Չի կարելի ասել, թե իբր մենք Նիոբեայի հանդեպ բացարձակապես անտարբեր էինք։ Նա չափից դուրս տեսանելի էր ցուցադրում իր, չնայած որ փարթամ, սակայն ամենևին էլ ոչ կառուցվածքից զուրկ գեղեցկությունը։ Սակայն մենք նրան դիտահայում էինք ոչ նրանց հայացքով, ով ձգտում էր տիրել։ Մենք ավելի շուտ ստանձնել էինք սթափ ամեն ինչը ծանրութեթև անող գիտակների դերը։ Հերբերթը և ես՝ երկու սառնասիրտ, երկու սառը֊սքանչացած էսթետներ, մեր մեծ մատների օգնությամբ չափում էինք կանացի համաչափությունները՝ որպես բարձրության դասական հիմք ընդունելով գլխի չափերի ութապատիկ կրկնումները։ Նիոբեան լիովին համապատասխանում էր այդ պահանջներին, եթե հաշվի չառնենք փոքր ինչ կարճ ազդրերը, այն դեպքում, երբ բոլոր լայնակի չափերի համեմատ, կոնք, ուսեր, կրծքավանդակ, համապատասխանում էր ոչ թե հունական, այլ հոլանդական կանոններին։

Հերբերթը բութ մատը իջեցրեց դեպի ներքև․

― Իմ ճաշակով նա անկողնում չափից ավելի ակտիվ կլիներ։ Նման մենամարտեր Հերբերթին Օռից ու Ֆարվասերից է հայտնի։ Ինձ պետք չէ մի կին, որն ինձ նման ձևով հնազանդեցնի։

― Օ, այո, մեր Հերբերթը փորձառու մարդ է։ Այ, եթե նա այսքան մարմնեղ չլիներ, ավելի փխրուն լիներ, երբ նույնիսկ վախենում ես բռնել կոնքերից, այս դեպքում արդեն Հերբերթը դեմ չէ։

Եթե, իհարկե, բանը հասնի գործին, ապա մենք դեմ չէինք լինի ո՛չ Նիոբեային, ո՛չ նրա ռազմատենչ խառնվածքին։ Հերբերթը հրաշալի հասկանում է, որ մերկ կամ կիսամերկ կանանց ցանկանալը կամ չցանկանալը, պասիվությունը կամ ակտիվությունը ամենևին էլ սլացիկների ու նազելիների պարտադիր պարգևը չէ, ինչպես որ պարտադիր արատը չէ։ Հանդիպում են արտաքնապես հանգիստ աղջիկներ, որոնք մեկ վայրկայն անգամ հանգիստ չեն պառկի, և հաստամարմին դանդաղաշարժ կանայք, որոնք ծովածոցի քնատ ջրերի պես գրեթե հոսք չունեն։ Մենք միտումնավոր չէինք գռեհկացնում, ողջ բարդությունը միտումնավոր հանգեցնում էին երկու հայտարարի և միտումնավոր անպատվում Նիոբեային, ամեն ինչ միտումնավոր էր ու անճաշակ։ Օրինակ, այսպես, Հերբերթը ինձ ձեռքերի վրա բարձրացրեց, որպեսզի ես թմբկահարեի նրա կրծքի վրա այնքան ժամանակ, մինչև փայտաթրթուրի բացած ուղիներից փայտի ալյուրի ամպերը ցած չթափվեցին միայն սրսկման շնորհիվ։ Իսկ երբ ես թմբկահարում էի, մենք երկուսս նայում էինք նրա աչքերին փոխարինող սաթի կտորներին։ Ոչ մի բան չէր ցնցվում, չէր թարթում։ Մինչև ատելությամբ շնչող ճեղք֊աչքերը ոչինչ սպառնալիորեն չէր նեղանում։ Զույգ հղկված, ավելի շուտ դեղնավուն, քան կարմրավուն քարերը լիարժեք, չնայած որ բեկման պատճառով աղճատված, արտացոլում էին դահլիճի և լուսավորված պատուհանների մի մասի կահավորանքը։ Ով չգիտե, որ սաթը խաբուսիկ է։ Ահա մենք ևս գիտենք մինչև թանկարժեք քարի մակարդակին բարձրացված այդ խեժի նենգության մասին։ Բայցևայնպես, տղամարդկային անհասկացողությամբ շարունակելով կանացի ամեն ինչը ակտիվություն֊պասիվություն սկզբունքով բաժանելը, մենք Նիոբեայի մասնակից լինելը մեկնաբանում էինք մեր օգտին և մեզ առավել վստահ էինք զգում։ Հերբերթը ցիցնիկ թնկթնկոցով մեխը մեխեց նրա ծնկի մեջ, և եթե ամեն մի հարվածը իմ ծնկի մեջ ցավ էր առաջացնում, ապա նա նույնիսկ հոնքը չշարժեց։ Ինչ հիմարություններ ասես, որ մենք չարեցինք այդ փայտի կտորի հայացքի ներքո․ Հերբերթն իր վրա գցեց անգլիացի ծովակալի շինելը, զինվեց հեռադիտակով, կանգնեց իրավիճակին համապատասխանող ծովակալական եռակողմ գլխարկի տակ։ Իսկ ես ալոնժե կեղծամի և բաճկոնակի օգնությամբ ինձ վերածեցի ծովակալի մանկլավիկի։ Մենք Տրաֆալգար էինք խաղում, գնդակոծում էինք Կոպենհագենը, Աբուկիրի տակ ցրում էինք Նապոլեոնի նավատորմը, առագաստանավով շրջանցում էինք այս կամ այն հրվանդանը։ Պատմական և այնուհետև լիովին ժամանակակից կեցվածք էինք ընդունում այդ, ինչպես մենք ենթադրում էինք, ամեն ինչին հավանություն տվող կամ ուղղակի ոչինչ չնկատող հոլանդական վհուկի համամասնություններով գալիոնյան ֆիգուրի աչքերի առջև։

Իհարկե, այսօր ես գիտեմ, որ նայում եմ բացարձակապես ամեն ինչը, և որ ոչ մի բան չի կարող անտես մնալ, որ նույնիսկ հասարակ պաստառների հիշողությունը մարդու հիշողություններից ավելի լավն է։ Եվ դա ամենևին էլ ամենատես աստվածը չէ։ Լիովին բավարար են խոհանոցային աթոռակը, հագուստի կախիչը, կիսով չափ լցված մոխրամանը կամ ուղղակի ոչինչ չնկատող գալիոնյան ֆիգուրը, որպեսզի յուրաքանչյուր արարքի համար ոչինչ չմոռացող վկաներ գտնվեն։ Ծովային թատրոնում մենք պաշտոնավարեցինք տասնչորս օր կամ դրանից էլ ավելի։ Հերբերթը ինձ թմբուկ նվիրեց և երկրորդ անգամ Տրուչինսկի մայրիկին բերեց մեկ շաբաթվա աշխատավարձ՝ վտանգավորության համար տրվող հավելավճարով։

Սակայն մի երեքշաբթի օր, քանի որ երկուշաբթի օրերին թանգարանը փակ է, դրամարկղում հրաժարվեցին ինձ մանկական տոմս վաճառել և ընդհանրապես ինձ ներս չթողեցին։ Հերբերթը կամեցավ իմանալ պատճառը։ Դրամարկղում տղամարդը, չնայած փնթփնթալով, սակայն ոչ առանց սիրալիրության խոսեց ներկայացված բողոքի մասին և որ ժամանակն է վերջ տալ դրան, և որ երեխաներին այլևս ներս թողնել չի կարելի։ Տղայի հայրը դեմ էր, այսինքն նա դեմ չէ, եթե ես նստեմ ներքևում՝ դրամարկղի մոտ, եթե անգամ ինքը, որպես կրպակի տնօրեն և որպես այրի տղամարդ, չունի անհրաժեշտ ժամանակ, որպեսզի հետևի որդուն, սակայն ինձ պետք չէ դահլիճ, Մայրելի վերնասենյակ գնալ, քանի որ դա անպատասխանատվություն է։

Հերբերթը արդեն պատրաստ էր հանձնվել, սակայն ես նրան հրում, դրդում էի, և այդ ժամանակ նա ասաց, որ մի կողմից գանձապահը ավելի ճիշտ է, սակայն մյուս կողմից՝ ես նրա համար նույնն եմ, ինչ թալիսմանը, պահապան հրեշտակը։ Նա բացատրում էր մանկական անմեղության մասին, որը նրան որպես պաշտպան է ծառայում՝ մի խոսքով, Հերբերթը, կարելի է ասել, գանձապահի հետ ընկերացավ ու հասավ նրան, որ ինձ ներս թողեցին վերջին անգամ, ինչպես ասաց գանձապահը։

Եվ ահա, իմ մեծ ընկերոջ ձեռքը բռնած, ես ևս մեկ անգամ արտասովոր, ինչպես միշտ թարմ սրբված պտուտակաձև աստիճաններով, բարձրացա երրորդ հարկ, որտեղ մշտամնա էր Նիոբեան։ Առավոտը սկսվել էր խաղաղ, և էլ ավելի խաղաղ էր օրը։

Կիսով չափ փակած աչքերով Հերբերթը նստել էր ոսկե գլխիկե մեխերով իր կաշվե աթոռի վրա։ Ես տեղավորվել էի նրա ոտքերի մոտ։ Թատրոնը լռություն էր պահպանում։ Գլուխներս վեր ցցած՝ մենք ուսումնասիրում էինք ռազմաառևտրական նավերը, եռակայմ հետախուզական ռազմանավերը, հնգակայմ առագաստանավերը, խոշոր թիանավերն ու լայնամարմին նավակները, առափնյա առագաստանավերը, որոնք կախված էին առագաստի կաղնեփայտ բոլորակալի տակ՝ սպասելով առափնյա թարմ զեփյուռի։

Մենք վախենում էինք այն անհողմությունից, որն իշխում էր մաքուր վերնասենյակում, և այս ամենը մեկ֊միակ նպատակով՝ որպեսզի հարկ չլիներ նայել Նիոբեային և նրանից վախենալ։ Ախ, ինչ ասես մենք չէինք տա բզեզ փայտաթրթուրի աշխատանքային խշխշոցների համար, որոնք մեզ կապացուցեին, որ կանաչ ծառի ընդերքը ծակվում է, մաշվում ու դատարկվում, դանդաղ, սակայն անշեղորեն, որ Նիոբեան ևս հավերժ չէ։ Սակայն ոչ մի բզեզ նրա ընդերքում չէր աշխատում։ Վերականգնիչը փայտե մարմինը հուսալիորեն պաշտպանեց բզեզից և դրանով իսկ նրան դատապարտեց անմահության։ Եվ մեզ մնացին միայն նավերի մոդելներն ու հանդիպակաց քամու անխելամիտ հույսը, Նիոբեայի առջև վախի հետ տարօրինակ խաղը, որը մենք մերժեցինք, ջանում էինք չնկատել և հնարավոր է, որ նույնիսկ մոռանայինք, եթե միայն հետկեսօրյա արևը արագ ու դիպուկ հարվածով չխոցեր և չստիպեր, որպեսզի ձախ աչքի սաթը բոցավառվեր։

Սակայն այդ հրդեհը մեզ ամենևին չպետք է զարմացներ։ Մենք արդեն թատրոնի երրորդ հարկում ուսումնասիրել էինք արևային հետկեսօրյա ժամացույցը, գիտեինք, թե որքան է խփել կամ այժմ կխփի, երբ լույսը ընկնում է քիվի վրայից և լույսով ողողում նավերը։ Դրան որպես լրացում Աջ քաղաքի, Հին քաղաքի, Վառոդի քաղաքի եկեղեցիները իրենց լուման ներդրեցին, որպեսզի ճշգրիտ ժամանակի հետ կապեն փողի բարձրացնող արևի լույսի շարժումը, և մեր պատմական հավաքածուն քաղցրացնեն նույնչափ պատմական զանգով։ Զարմանալի չէ, որ մեզ համար նաև արևն էր պատմական գծեր ձեռք բերել, ակնհայտորեն հասունացել էր, որպեսզի դառնար ցուցանմուշ և հանցավոր կապի մեջ մտավ Նիոբեայի սաթե աչքերի հետ։

Սակայն այդ նույն օրը, երբ մենք ո՛չ ցանկություն և ո՛չ էլ համարձակություն ունեինք խաղերի ու հանդուգն հիմարությունների համար, սովորաբար անկենդան փայտի բոցավառված հայացքը մեզ կրկնակի ապշեցրեց։ Մենք ծանր զգացումով սպասեցինք, թե երբ կանցնի այն կես ժամը ևս, որը մենք դեռ պարտավոր էինք մնալ այնտեղ։ Թանգարանը փակվում էր ուղիղ ժամը հինգին։

Իսկ հաջորդ օրը Հերբերթը մեկ ժամվա ընթացքում անցավ ծառայության։ Ես նրան ուղեկցեցի մինև թանգարան, սակայն չցանկացա դրամարկղի մոտ սպասել և ինձ համար տեղ ճարեցի պատրիցիական տան դիմաց։ Թմբուկի հետ միասին ես նստել էի գրանիտե գնդի վրա, որի ետևի կողմից պոչ էր աճում, որը մեծահասակները օգտագործում էին որպես բազիրք։ Ավելորդ է ավելացնել, որ աստիճանի երկրորդ ճյուղավորումը ևս պահպանվում էր նմանատիպ չուգունե պոչով, նմանատիպ գնդով։ Ես հազվադեպ էի թմբկահարում, դրա փոխարեն, սարսափեցնող բարձր ձայնով ի նշան կանացի սեռի հետիոտների դեմ բողոքի, որոնց հրապուրում էր ինձ մոտենալիս քայլերը դանդաղեցնելու, անունս իմանալու և ձեռքերի քրտնած ափերով իմ՝ արդեն այն ժամանակ գեղեցիկ, չնայած որ կարճ, սակայն ծածանվող մազերս, շոյելու հնարավորությունը։ Առավոտն անցնում էր։ Սուրբ Հոգու փողոցի վերջում աղյուսե թխսկանի պես բազմել էր կարմրասև, հաստ, ուռած աշտարակի տակ փոքրիկ կանաչագույն աշտարակներով Սուրբ Մարիամի եկեղեցին։ Աղավնիները անդադար դուրս էին մղվում աշտարակի լայն բացվածքով պատերից, ինձանից ոչ հեռու ընկնում էին գետնին, տեղյակ չէին, թե դեռ որքան ժամանակ պետք է ինչ֊որ մեկի վրա թուխս նստեին և հատկապես ում, և արդյո՞ք այդ թուխս նստելը հարյուրավոր տարիների ընթացքում ինքնանպատակ չէր դարձել։

Ճաշին մոտ Հերբերթը դուրս եկավ փողոց։ Նախաճաշով լի տուփից, որը Տրուչինսկի մայրիկը այնպես էր լցրել, որ այն դժվարությամբ էր փակվում, նա ինձ համար հաց հանեց, որի վրա կտրվածքով մեկ ճարպ էր քսված, ինչի վրա էլ վերևից մեկ մատի հաստությամբ արյունոտ երշիկ էր դրված։ Մեքենայաբար գլխով անելով՝ ոգևորեց ինձ, քանի որ ես ուտել չէի ուզում։ Ի վերջո և այնուամենայնիվ սկսեցի, իսկ Հերբերթը, ոչինչ չկերած, սիգարետ էր ծխում։ Նախքան թանգարանը նրան կրկին ընդունեց իր գիրկը, նա թաքնվեց Բրոտբենքենգասե փողոցի գինետանը, որտեղ երկու կամ երեք բաժակ գիհու օղի գցեց։ Երբ նա խմում էր, ես աչքս չէի կտրում նրա ադամախնձորից։ Ինձ դուր չեկավ, թե ինչպես է նա դրանք՝ այդ բաժակները խմում։ Եվ նույնիսկ երբ նա հաղթահարում էր թանգարանի պտուտակաձև աստիճանները, իսկ ես կրկին նստեցի իմ գրանիտե գնդի վրա, Օսկարի աչքերի առաջ դեռ ցցված էր իր ընկեր Հերբերթի դողդողացող ադամախնձորը։

Օրը լողալով ընկնում էր թատրոնի սփրթնած խայտաբղետ ճակատային մասի վրա։ Նա գաղտագողի գալիս էր՝ հավերժահարսերի ու առատության եղջյուրների վրա հեծած, խժռում էր գեր հրեշտակներին, ովքեր ձգվում էին ծաղիկների ետևից, հասած խաղողի նկարված ողկույզները դարձնում էր չափից դուրս հասած, ներխուժեց գյուղական տոնախմբության ժամանակ, այնտեղ պահմտոցի խաղաց, դժվարությամբ բարձրացավ վարդերով լուսապատված ճոճանակի վրա, ազնվացրեց բյուրգերներին, որ շքեղ շալվարներով առևտրական գործարքներ էին կնքում, բռնեց շների կողմից հալածվող եղջերուին և, ի վերջո, հասավ երրորդ հարկի այն պատուհանին, որն արեգակին թույլ չտվեց կարճատև և, բայցևայնպես, հավերժորեն լուսավորել ոմն սաթե աչք։ Ես դանդաղ իջա իմ գնդի վրայից։ Թմբուկը կոշտորեն խփվեց պատվանդանի քարին։ Կողապատի սպիտակ լաքը և լաքապատված բոցի մասնիկները ետ թռան և սպիտակ ու կարմիր պուտերի տեսքով ընկան սանդղամուտքի աստիճանների վրա։ Հնարավոր է, որ ես ինքս իմ մեջ ինչ֊որ բան էի պնդում, աղոթք էի արարում, հաշվետվություն էի վարում, դրանից անմիջապես հետո թատրոնի շքամուտքի դիմաց կանգ առավ «շտապ օգնության» կառքը, անցորդները շարվեցին մուտքի երկու կողմերում, Օսկարին հաջողվեց հիվանդապահների հետ արանքներով խցկվել ներս, իսկ աստիճանները ես արդեն ավելի շուտ գտա, քան նրանք՝ չնայած բոլոր դժբախտ դեպքերից հետո նրանք պարտավոր էին թատրոնում ազատ կողմնորոշվել։

Հերբերթին տեսնելով՝ ես հազիվ զսպեցի ծիծաղս, նա դիմացից կախվել էր Նիոբեայի վրա, նա մտադրվել էր զուգավորվել այդ փայտի հետ։ Նրա գլուխը ծածկում էր կույսի գլուխը, նրա ձեռքերը փաթաթվել էին կույսի վեր հառած ու խաչած ձեռքերին։

Նրա հագին վերնաշապիկ չկար։ Ավելի ուշ վերնաշապիկը հայտնաբերեցին դռների մոտի կաշվե աթոռի վրա՝ խնամքով ծալված ու դրված վիճակում։ Նրա կտրվածքներով ու սպիներով թիկունքը ամբողջությամբ բաց էր։ Ես ընթերցում էի այդ գաղտնագիրը ու հաշվում նշանները։ Բոլորը իրենց տեղում էին։ Սակայն ոչ մի տեղ նոր նկարի նույնիսկ ակնարկը չկարողացա գտնել։

Հիվանդապահներին, որոնք անմիջապես ինձնից հետո լցվել էին դահլիճ, մեծ դժվարությամբ հաջողվեց Հերբերթին պոկել Նիոբեայից։ Նա կրքի պոռթկման պահին կարճ, երկու կողմից սրված նավային փոքրիկ կացինը պոկել էր շղթայից, սայրերից մեկը խրել Նիոբեայի մեջ, մյուսը, հաղթելով կնոջը, իր մեջ։ Որքան էլ որ նրան թերի էր հաջողվել մոտեցումը վերևում, ներքևում, որտեղ արձակված էր նրա շալվարը, որից դեռ դուրս ցցված մնացել էր ինչ֊որ բան, դուրս էր ցցվել ամուր և անիմաստ, նա այսպես էլ իր խարիսխի համար համապատասխան բնահող չգտավ։

Երբ նրանք Հերբերթին ծածկեցին «շտապ օգնության քաղաքային ծառայություն» գրությամբ ծածկոցով՝ Օսկարը, ինչպես և յուրաքանչյուր կորստից հետո, վերադարձավ իր թմբուկին։ Նա թիթեղի վրա շարունակեց բռունցքներով թմբկահարել, երբ ծառայողները նրան Մարիչկայի վերնասենյակից տարան աստիճաններով դեպի ներքև և ի վերջո ոստիկանական մեքենայով հասցրեցին տուն։

Հիմա էլ, բժշկական հիմնարկությունում, հարյություն տալով փայտի ու մարմնի միջև սիրո այդ փորձին՝ Օսկարը ստիպված է աշխատել բռունցքներով, որպեսզի մեկ անգամ ևս ուղևորություն նախաձեռնի Հերբերթ Տրուչինսկու խայտաբղետ սպիներով պատված թիկունքի վրայով, որպեսզի ևս մեկ անգամ անցնի սպիների ամուր և զգայուն, նախազգուշացնող, ամեն ինչի գերակշռող լաբիրինթոսի միջով։ Այդ թիկունքի վրայի գրությունները Օսկարը ընթերցում էր կույրի նման։

Միայն հիմա, երբ նրանք Հերբերթին պոկեցին այդ սիրուց անտեղյակ փոքրաքանդակ փայտից, գալիս է Բրունոն՝ իմ հիվանդապահը, և նրա տանձանման գլուխը հուսալքություն է արտահայտում։ Նա իմ ձեռքերը խնամքով հանում է թմբուկի վրայից, թիթեղը կախում է իմ մետաղյա մայճակալի ոտնամասի ձախ սյունիկից, ուղղում է վերմակը։

― Սակայն, պարոն Մացերատ, ― տեղեկացնում է նա ինձ, ― եթե դուք այսուհետ ևս շարունակեք այդքան բարձր թմբկահարել, հնարավոր է, որ այլ տեղում լսեն, որ այստեղ չափից ավելի բարձր են թմբկահարում։ Չե՞ք ցանկանում դուք, արդյոք, հանգստանալ կամ գոնե ավելի ցածր թմբկահարել։

― Դե լավ, Բրունո, ես կփորձեմ իմ թմբուկին թելադրել հերթական, առավել ցածր գլուխը, չնայած հենց հերթական թեմային է առավել կպչուն սովածացած նվագախմբի մոլեգին ոռնոցը։


Հավատ, հույս, սեր

Կար չկար՝ մի երաժիշտ կար՝ Մայն անունով, և նա կարողանում էր սքանչելի շեփոր նվագել։

Կենում էր նա մեր եկամտային տան հինգերորդ հարկում, տանիքի տակ, պահում էր չորս կատու, որոնցից մեկին անվանում էին Բիսմարկ, իսկ ինքը անձամբ առավոտից մինչև երեկո կոնծում էր գիհու թրմօղու շշից։ Այդպես նա խմեց ու խմեց այնքան ժամանակ, մինչև որ դժբախտությունը ստիպեց նրան սթափվել։

Օսկարը այսօր համաձայն չէ դեռ հավատալ նախանշանին։ Չնայած այն ժամանակ դժբախտության առավել քան բավարար նախանշաններ էին կուտակվել, նա ավելի ու ավելի մեծ չափի երկարաճիտք կոշիկներ էր հագնում ու ավելի ու ավելի քայլեր էր անում՝ մտադրություն ունենալով դժբախտությունը տանել աշխարհով մեկ։ Եվ հենց այս ժամանակ կրծքավանդակի վնասվածքից մահացավ իմ ընկեր Հերբերթ Տրուչինսկին։ Սակայն անձամբ փայտե կնոջ կողմից խոցված կինը չմահացավ։ Նրան կնքեցին և ուղարկեցին թանգարանային նկուղները՝ իբր վերականգնման նպատակով։ Սակայն դժբախտությունը նկուղում չես թաքցնի։ Կեղտաջրերի հետ միասին այն ընկնում է գազի խողովակների մեջ, բախշվում բոլոր խոհանոցներով, և իր ապուրը գազօջախի սփրթնած կապույտ այրիչի վրա դնողներից և ոչ մեկը չգիտե ու տեղյակ չէ, որ իր սնունդը դժբախտության վրա է եփվում։

Երբ Լանգֆուրյան գերեզմանոցում թաղում էին Հերբերթին, ես երկրորդ անգամ տեսա Լեո Խենթուկին, որի հետ ծանոթացել էի Բրենտաուի գերեզմանոցում։ Եվ մեզ բոլորիս՝ Տրուչինսկի մայրիկին, Հուստային, Ֆրիցին ու Մարիա Տրուչինսկուն, հաստամարմին ֆրաու Քատերին, ծերունի Հայլանդին, որը տոներին Տրուչինսկի մայրիկի համար ճագարներ էր մորթում, իմ ենթադրայլ հայր Մացերատին, որն իր մեծահոգության մեջ, ինչը հաճույքով էր ի ցույց դնում, իր վրա վերցրեց թաղման ծախսերի մեծ մասը, ինչպես նաև Յան Բրոնսկուն Հերբերթը գրեթե չէր ճանաչում։ Նա եկել էր միայն այն պատճառով, որպեսզի տեսներ Մացերատին և ինձ չեզոք գոտում՝ մեզ բոլորիս, փսլինքներ թափելով և մեկնելով սպիտակ ձեռնոցները հագած դողացող ձեռքերը՝ Լեո Խենթը հայտնվեց խելագարությունը, ուրախությունը վշտից չտարբերող իր ցավակցությամբ։ Սակայն, երբ Լեո Խենթի ձեռնոցները ձգվեցին դեպի երաժիշտ Մայնը, որը եկել էր կիսով չափ գրոհայինի համազգեստով, մեզ ապագա դժբախտության ևս մեկ նախանշան երևաց։

Ձեռնոցների խամրած կտորը վախեցած սլացավ վեր և թռավ մի կողմ՝ իր հետևից գերեզմանաթմբերից այն կողմ տանելով նաև Լեոյին։ Մենք լսեցինք նրա գոռոցը, սակայն այն, ինչը բառերի պատառիկների ձևով նստում էր գերեզմանատան թփերի վրա, ոչնչով ցավակցություն չէր հիշեցնում։

Մարդիկ ամենևին էլ թավալվելով ետ չփախան շեփորահար Մայնից, բայցևանպես թաղման եկածների շրջապատում նա կանգնել էր կարծես թե մեկուսի, կանգնել էր Լեո Խենթուկի կողմից ճանաչված ու ընդգծված և շփոթված, բզբզում էր շեփորը, որը դիտավորյալ բերել էր իր հետ և որով դրանից առաջ սքանչելի նվագում էր Հերբերթի գերեզմանի վրա։ Այն պատճառով սքանչելի, որ Մայնը նախապես կոնծել էր թրմօղու շշից, ինչ վաղուց արդեն չէր անում, քանի որ Հերբերթի մահը, որի տարիքին էր, նրան ցավ էր պատճառել, այն դեպքում, երբ Հերբերթի մահը ինձ և իմ թմբուկին ստիպել էր լռել։

Կար չկար՝ մի երաժիշտ կար՝ Մայն անունով, և նա կարողանում էր սքանչելի նվագել շեփորի վրա։ Կենում էր նա մեր եկամտային տան հինգերորդ հարկում, տանիքի տակ, պահում էր չորս կատու, որոնցից մեկին անվանում էին Բիսմարկ, և վաղ առավոտից մինչև ուշ երեկո գիհու թրմօղի խմում, մինչև որ, որքան հիշում եմ, երեսունվեց կամ երեսունյոթ թվին չանդամակցեց գրոհայինների հեծելազորային զորամասերին։ Այդտեղ՝ արդեն որպես երաժշտական վաշտի շեփորահար, սկսեց շեփորահարել թեպետ գրագետ, սակայն ամենևին էլ ոչ սքանչելի։ Նա ստիպված էր հրաժարվել իր շշից և այսուհետ միայն սթափ վիճակում էր փչում իր շեփորը։

Երբ մահացավ գրոհային Մայնի մանկության ընկեր Հերբերթ Տրուչինսկին, որի հետ միասին նա քսանական թվերին անդամակցում էր կոմունիստական երիտասարդական խմբին, իսկ ավելի ուշ անդամավճարներ էր մուծում «Կարմիր Բազեներին», երբ Հերբերթին իջեցրին գերեզման, Մայնը բռնվեց իր շեփորից և միաժամանակ շշից։ Քանզի նա ուզում էր շեփորահարել սքանչելի, սթափ, քանզի աշխետ ձիու վրա հեծած՝ չէր կորցրել իր երաժշտական լսողությունը և այդ իսկ պատճառով, արդեն գերեզմանատանը, ևս մի կում խմեց և այդ իսկ պատճառով, նույնիսկ շեփորահարելով, մնում էր համազգեստի վրայից հագած քաղաքացիական թիկնոցով, ճիշտ է, սկզբնապես բաց գլխով, սակայն շագանակագույն համազգեստով շեփորահարող՝ գերեզմանահողի վրա։

Կար չկար՝ մի գրոհային կար, որը չհանեց համազգեստի վրայից հագած թիկնոցը, երբ սքանչելի ու պայծառացած գիհու թրմօղուց՝ շեփորահարում էր մանկության ընկերոջ գերեզմանի վրա։ Իսկ երբ այդ Խենթուկ Լեոն, որը ցանկացած գերեզմանատան անհրաժեշտ պատկանելությունն է, ցանկացավ հավաքվածներին հայտնել իր ցավակցությունը՝ մեզանից ամեն մեկը լեսց այդ ցավակցությունը։ Միայն Մայնին չհաջովեց դիպչել Լեոյի սպիտակ ձեռնոցին, քանզի Լեոն ճանաչեց գրոհայինին, վախեցավ և բարձր գոռոցով արգելեց նրան ձեռքը դիպցնել ձեռնոցին ու ցավակցություն հայտնել։ Եվ այդ ժամանակ գրոհայինը առանց ցավակցության և սառը շեփորը ձեռքի մեջ բռնած՝ դանդաղ գնաց տուն, որտեղ էլ անմիջապես եկամտային տան տանիքի տակի իր բնակարանում գտավ իր չորս կատուներին։

Կար չկար՝ Մայն անունով մի գրոհային կար։ Այն ժամանակներից ի վեր Մայնը յուրաքանչյուր օր գիհու թրմօղի էր խմում և սքանչելի նվագում շեփորի վրա, նրա մոտ պահպանվել էին չորս կատուներ, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում։ Մի անգամ իր երիտասարդ տարիների ընկերոջ՝ Հերբերթ Տրուչինկսու թաղումից վերադառնալով՝ տխուր և լիովին սթափ, որովհետև ինչ֊որ մեկը չէր կամեցել նրան իր ցանկությունը հայտնել, Մայնը իրեն տեսավ լրիվ միայնակության մեջ ու չորս կատուների հետ։ Կատուները քսվում էին նրա հեծելազորային երկարաճիտք կոշիկներին, և Մայնը մի կտոր թերթի վրա նրանց ծովատառեխների գլուխներ տվեց, ինչը կատուներին ստիպեց նրա ոտքերի մասին մոռանալ։ Այդ օրը այստեղ առանձնապես ուժեղ էր տարածվել հոտը, որ գալիս էր կատուներից, որոնք, ճիշտն ասած, բոլորը որձ էին, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում, և նա քայլում էր սպիտակ թաթերի վրա՝ սև մորթիով։ Սակայն Մայնի տանը թարսի պես գիհու թրմօղի չգտնվեց։ Իսկ դրանից բնակարանում ավելի ու ավելի ուժեղ էր գալիս կատուների կամ ավելի շուտ՝ որձ կատուների հոտը։ Իհարկե, Մայնը շիշը կարող էր գնել մեր մոտից՝ գաղութային ապրանքների կրպակից, եթե միայն հինգերորդ հարկում, անմիջապես տանիքի տակ չբնակվեր։ Իսկ այսպես նա վախենում էր աստիճաններից և վախենում էր հարևաններից, որոնց առջև մեկ֊երկու անգամ չէ, որ երդվել էր, թե իր երաժշտական շուրթերը այլևս ոչ մի կաթիլ գիհու թմրօղիով չի խոնավացնի, որ նրա համար նոր կյանք է սկսվել, որ այսուհետև և սրանից հետո նրա կյանքը նվիրված կլինի կարգ ու կանոնին, այլ ոչ թե պատանեկության կերուխումերով ու հարբեղողի անզուսպ հանդգնությամբ լի զվարճություններին։

Կար չկար՝ Մայն անունով մի մարդ կար։ Եվ ինչ֊որ մի անգամ, երբ իրեն հայտնաբերեց տանիքի տակի իր բնակարանում առանձնացված իր չորս կատուների հետ, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում, նույն այդ կատուներից եկող հոտը նրան չափից դուրս անտանելի թվաց։ Այն պատճառով, որ այդ նույն օրվա առավոտյան նրա հետ մի որոշ ամոթալի բան էր տեղի ունեցել և էլի այն պատճառով, որ տանը ոչ մի կաթիլ գիհու թրմօղի չկար։ Սակայն քանի որ գնալով ամրանում էին ամոթի զգացումն ու ծարավը՝ դրանով իսկ ուժեղացնելով կատվային հոտը, Մայնը՝ լինելով երաժիշտ ու գրոհայինների հեծելազորային փողային նվագախմբի անդամ, վերցրեց սառը վառարանի կողքին դրված կրակխառնիչը և այնքան հարվածեց իր կատուներին, մինչև որոշեց, որ բոլոր չորսը, ներառյալ Բիսմարկ անունով կատուն, արդեն հոգիները փչեցին, սատկեցին։ Չնայած կատվային հոտը, պետք է ասել, դրանից ավելի պակաս խոցող չդարձավ։

Կար չկար՝ Լաուշբաթ անունով մի ժամագործ կար և ապրում էր նա մեր տան երկրորդ հարկում, պատուհաններով դեպի բակ տանող երկսենյականոց բնակարանում։ Այդ ժամագործը ամուսնացած չէր։ Եվ դրան ավելացրած, նացիոնալ֊սոցիալիստական բարեգործական կազմակերպության, ինչպես նաև կենդանիների պաշտպանության միության անդամ էր։ Լաուշբաթը բարի սիրտ ուներ և օգնում էր, որպեսզի կրկին ոտքի կանգնեն հոգնած մարդիկ, հիվանդ գազաններն ու կոտրված ժամացույցները։ Երբ մի անգամ ճաշից հետո ժամագործը խոր մտածմունքի մեջ հիշելով իր հարևաններից մեկի առավոտյան կայացած թաղումը՝ նստած էր պատուհանի մոտ, նա տեսավ, թե ինչպես նույն տան հինգերորդ հարկում ապրող երաժիշտ Մայնը բակ դուրս բերեց կարտոֆիլի մի պարկ, որը լցված էր կիսով չափ, իսկ տակից ակնհայտորեն խոնավ էր, այնպես որ պարկից նույնիսկ կաթում էր, դուրս բերեց և խցկեց երկու աղբարկղներից մեկի մեջ, սակայն քանի որ աղբարկղը արդեն իսկ երեք քառորդի չափ լցված էր, երաժշտին միայն դժվարությամբ հաջողվեց փակել կափարիչը։

Կային չկային՝ չորս կատուներ կային, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում։ Կատուները պատկանում էին Մայն անունով մի երաժշտի։ Քանի որ կատուները կրտած չէին, նրանցից ուժեղ հոտ էր գալիս, և այդ հոտը հաղթահարում էր մնացած բոլորը։ Այն օրը, երբ հոտը առանձնահատուկ պատճառներով երաժշտի համար դարձավ առանձնապես անտանելի, նա բռնեց բոլոր չորս կատուներին, կրակխառնիչով սպանեց, դրանց մտցրեց կարտոֆիլի պարկի մեջ, պարկը հինգերորդ հարկից աստիճաններով իջեցրեց ներքև և շատ շտապում էր պարկը որքան հնարավոր է արագ մտցնել գորգեր թափ տալու վերադրակի կողքի աղբարկղի մեջ, որովհետև պարկի կտորը նոսր էր և արդեն երրորդ հարկում պարկի միջից սկսեց կաթել։ Իսկ քանի որ արղբարկղը առանց այն էլ արդեն լցված էր, երաժիշտ Մայնը ստիպված էր աղբը պարկով ուժեղ տափակացնել, որպեսզի կափարիչը կրկին փակվեր։ Սակայն հենց նոր էր բակից դուրս եկել փողոց, քանի որ նա ցանկություն չուներ վերադառնալ կատուների հոտով պատված, սակայն կատուներից զուրկ բնակարանը, երբ ճմրթված աղբը սկսեց ուղղվել, վեր բարձրացրեց պարկը, իսկ պարկի հետ մեկտեղ՝ նաև աղբարկղի կափարիչը։

Եղել է չի եղել մի երաժիշտ է եղել, որը սպանել է իր չորս կատուներին, նրանց մտցրել է աղբարկղի մեջ ու տնից հեռացել, որպեսզի այցի գնա իր ընկերներին։

Եղել է չի եղել՝ մի ժամագործ է եղել, որը մտածմունքի մեջ նստել էր պատուհանի մոտ ու դիտում էր, թե ինչպես երաժիշտ Մայնը կիսով չափ լցված պարկը մտցրեց աղբարկղի մեջ, ինչից հետո բակից հեռացավ, իսկ նրա հեռանալուց քիչ անց արղկի կափարիչը սկսեց բարձրանալ, և ավելի ու ավելի վեր էր բարձրանում։ Եվ էլի վաղուց, շատ վաղուց, լինում են չեն լինում՝ չորս կատուներ են լինում, որոնց սպանեցին այն պատճառով, որ մի հրաշալի օր նրանցից շատ ուժեղ հոտ էր գալիս։ Սպանելով՝ մտցրեցին պարկի մեջ, իսկ պարկը մտցրեցին աղբարկղի մեջ։ Սակայն կատուներից մեկը, որին Բիսմարկ էին անվանում, դեռ լրիվ մեռած չէր և կենսունակ գտնվեց, ինչպես և բոլոր կատուները։ Նրանք պարկի մեջ շարժվում էին, ինչից շարժվում էր նաև աղբարկղի կափարիչը և դրանով ժամագործ Լաուբշադի առջև, որն էլի նույն ձևով՝ խոր մտածմունքների մեջ, նստել էր պատուհանի մոտ, դնում էր հետևյալ հարցը․ հապա մի գուշակիր, թե ի՞նչ է պարկի մեջ, որը երաժիշտ Մայնը մտցրեց աղբարկղ։

Այսպիսով, կար չկար՝ մի ժամագործ կար, որը չէր կարող հանգիստ դիտել, թե ինչպես է ինչ֊որ բան շարժվում աղբարկղի մեջ։ Եվ այն ժամանակ նա լքեց եկամտային տան երրորդ հարկի իր բնակարանը և ուղղվեց դեպի բակ, և բաց արեց աղբի կափարիչը, և բացեց պարկը, և դուրս հանեց չորս ծեծված, սակայն դեռևս ողջ կատուներին, որպեսզի նրանց ոտքի կանգնեցնի։ Սակայն արդեն հաջորդ գիշեր կատուները մեռան ժամագործի մատների տակ, և նա այլ ելք չուներ, քան բողոք գրել կենդանիների պաշտպանության միություն, որի անդամն էր ինքը։ Դրան ավելացրած՝ տեղական կուսխմբին տեղեկացնել իր կուսակցական համբավի համար կործանարար կենդանիների հանդեպ ծաղրանքի մասին։

Վաղուց, շատ վաղուց, կար չկար՝ մի գրոհային կար, որը չորս կատու սպանեց, սակայն, քանի որ կատուներն այնքան էլ լրիվ չէին մեռել, նրանք նրան մերկացրին, իսկ մի ժամագործ մատնեց։ Գործը ավարտվեց դատական քննությամբ, և գրոհայինը ստիպված եղավ տուգանք մուծել։ Ի լրումն՝ գրոհայինների մոտ ևս քննարկվեց այդ դեպքը և որոշում կայացվեց՝ անվայել վարքագծի համար գրոհային Մայնին հեռացնել ՍՍ֊ի շարքերից։ Եվ չնայած մեր գրոհայինը, երեսունութ թվի՝ իննի լույս տասի գիշերը, հենց այն գիշերը, որն ավելի ուշ անվանվեց «բյուրեղապակյա գիշեր», քաջության հրաշքներ ցույց տվեց, բոլորի հետ մեկտեղ հրդեհելով Միխաելիսվեգ փողոցի սինսգոգան, ինչպես նաև, ուժ չխնայեց, երբ հաջորդ առավոտյան պետք էր մաքրել նախապես նշան արված կրպակները, ՍՍ֊ի շարքերից նրա հեռացումը մնաց ուժի մեջ։ Կենդանիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի համար նրան կոչումից զրկեցին և ցուցակներից ջնջեցին։ Միայն մեկ տարի անց նրան հաջողվեց ընդունվել աշխարհազոր, որը հետագայում անցավ ՍՍ֊ի զորամիավորների ենթարկության տակ։

Եղել է չի եղել, գաղութային կրպակի տնօրեն է եղել, որը նոյեմբերյան մի օր փակեց իր կրպակը, բռնեց Օսկար որդու ձեռքից և հինգ համարի տրամվայով գնաց մինչև Լանգտասյան դարպասներ, քանզի այնտեղ, ինչպես և Սոպոտում, այրվում էր սինագոգան։ Սինագոգան արդեն գրեթե լրիվ այրվել էր, ու հրշեջները հետևում էին, որպեսզի կրակը հարևան տները չտեղափոխվի։ Համազգեստներով մարդիկ բերում ու փլատակների դիմաց մի տեղ էին կուտակում սրբազան առարկաներն ու արտասովոր կտորները։ Այնուհետև կույտը այրեցին, և առիթից օգտվելով, կրպակատերը հանրամատչելի կրակի վրա տաքացրեց իր մատներն ու զգացմունքները։ Նրա որդի Օսկարը իր հորը այդչափ գործունյա ու կլանված տեսնելով՝ աննկատ անհետացավ ու շտապեց Յոյգյաուս֊պասաժի ուղղությամբ, քանզի լաքապատ, սպիտակը կարմիրի հետ պատրաստված իր թմբուկի ճակատագիրը անհանգստություն էր ներշնչում նրան։

Վաղուց, շատ վաղուց ապրում էր չէր ապրում՝ մի խաղալիքներ վաճառող էր ապրում, նրան Սիգիզմունդ Մարկուս էին անվանում, և, ի թիվս այլոց, նա սպիտակ ու կարմիր լաքով պատված թմբուկներ էր նաև վաճառում։ Իսկ Օսկարը, ում մասին նոր գնում էր խոսքը, թմբուկների հիմնական սպառողն էր, որովհետև նա իր զբաղմունքի տեսակով թմբկահար էր և չէր կարող ապրել առանց թմբուկի, չէր կարող և չէր ուզում։ Ահա նա էլ, հեռանալով այրվող սինագոգայից, սլացավ դեպի պասաժը, քանզի այնտեղ էր կենում իր թմբուկների պահապանը, սակայն պահապանին նա գտավ այնպիսի վիճակում, որը նրա համար այսուհետև և ընդհանրապես այս աշխարհում թմբուկների առևտուրը դարձնում էր անհնար։

Իսկ նրանք՝ հենց այն հրձիքները, որոնցից Օսկարը ուզում էր առաջ ընկնել, արդեն հասցրել էին այցելել Մարկուսին։ Վրձնիկները ներկի մեջ թաթախելով՝ նրան արդեն հասցրել էին գոթական տառատեսակով ցուցափեղկի երկարությամբ «հրեա խոզ» գրել։ Իրենց երկարաճիտք կոշիկների կրունկներով կոտրել էին ցուցափեղկի ապակին, որից հետո արդեն կարելի էր միայն կռահել այն մականվան մասին, որով նրանք պարգևատրել էին Մարկուսին։ Անտեսելով դուռը՝ նրանք կրպակ էին ներթափանցել կոտրված ցուցափեղկի միջով և սկսել էին իրենց եղանակաով զվարճանալ խաղալիքներով։

Ես նրանց այդ զվարճանքների պահին բռնացրեցի, երբ ցուցափեղկի միջով մտա նրանց նման։ Ոմանք իջեցրել էին շալվարները և թողել շագանակագույն կեղտակույտեր։ Նրանք բոլորը երաժիշտ Մայնին էին հիշեցնում, նրա պես գրոհայինի շագանակագույն զգեստ էին հագնում, սակայն անձամբ Մայնը նրանց մեջ չէր, ինչպես և նրանք, ովքեր եղել էին այստեղ, որևիցե մի այլ տեղում չէին։ Նրանցից մեկը իր դաշույնը հանելով՝ պատռել էր տիկնիկների փորերը և ամեն անգամ, երբ պինդ լցված մարմնից, ձեռքերից ու ոտքերից միայն թեփ է թափվել ցած, ունեցել է շատ հիասթափված տեսք։

Իմ թմբուկների ճակատագիրը ինձ անհանգստություն էր ներշնչում։ Թմբուկը նրանք չէին հավանել։ Իմ թիթեղը չէր կարողացել կանգնած մնալ նրանց ցասման դեմ, այն լռում էր, այն ընկել էր ծնկների վրա։ Դրա փոխարեն Մարկուսին էր հաջողվել խուսափել նրանց ցասումից։ Ցանկանալով նրա հետ իր գրասենյակում զրուցել, նրանք հասկանալի է, որ չէին սկսել թակել, այլ ուղղակի կոտրել էին դուռը՝ չնայած այն առանց այն էլ փակված չէր։

Խաղալիքների վաճառականը նստած էր իր սեղանի դիմաց։ Ինչպես և սովորաբար, նա իր ամենօրյա մուգ մոխրագույն կոստյումի վրայից թևքանոցներ էր հագել։ Ուսերի վրայի թեփը վկայում էր մազերի հիվանդության մասին։ Իր բոլոր մատների վրա Կասպարլե տիկնիկների գլխիկները հագցրած գրոհայինը, որը մեկն էր ներս մտնողներից, Կասպարլեի տատիկի փայտե գլխով հրեց Մարկուսին, սակայն Մարկուսը արդեն անհասանելի էր թե՛ զրույցների և թե՛ վիրավորանքների համար։ Նրա առջև սեղանի վրա դրված էր բաժակ, որն անտանելի ծարավը նրան ստիպեց մինչև վերջ խմել, երբ այդ րոպեին նրա կրպակի ցուցափեղկը իր բոլոր բեկորների ճչոցով չորություն առաջ բերեց նրա բերանի մեջ։

Վաղուց, շատ վաղուց կար չկար՝ Օսկար անունով մի թմբկահար կար։ Երբ նրանից խլեցին խաղալիքներ վաճառողին և ջարդ ու փշուր արեցին խաղալիքների կրպակը՝ նա կռահեց, որ թզուկի չափի թմբկահարների համար (իսկ նա հենց այդպիսին էր) գալիս են դժվար ժամանակներ։ Այդ իսկ պատճառով նա, նախքան կրպակը լքելը, ջարդված կտորտանքների միջից փորփորեց հանեց մի ամբողջապես չվնասված և երկու թեթևակի վնասված թմբուկներ և, դրանք իր վրա կախ արած, լքեց կրպակը, որպեսզի Ածուխի շուկայում փնտրի ու գտնի իր հորը, որը, հավանաբար, ինքն էր նրան փնտրում։ Նոյեմբերյան օրվա վերջն էր։ Տրամվայի կանգառից ոչ հեռու, Քաղաքային թատրոնի մոտ կանգնել էին հավատացյալ կանայք և այլանդակ արտաքիններով սառած պառաված օրիորդներ, որոնք կրոնական գրքույկներ էին բաժանում և ողորմությունը հավաքում էին թիթեղյա բաժակների մեջ ու ցուցադրում կորնթոսցիներին ուղարկված Առաջին ուղերձի տասներեքերորդ գլխի տեսքով ցուցապաստառը։ Հավատ֊Հույս֊Սեր, ― ընթերցեց Օսկարը և սկսեց խաղալ այդ բառերով, ինչպես ձեռնածուն է խաղում շշերի հետ։ Դյուրահավատություն՝ Բարե Հասո հրվանդան՝ իմաստասիրություն՝ հավատարմագրեր՝ վստահության քվե։ Իսկ դու հավատո՞ւմ ես, որ վաղը անձրև կլինի։ Մի ողջ դյուրահավատ ազգ հավատում էր Ձմեռ պապին։ Սակայն ստուգումից պարզվեց, որ Ձմեռ պապը իրականում գազի աշխատող է։ Ես հավատում էի, որ նա ընկույզի ու նուշի հոտ ուներ։ Իմ կարծիքով շուտով կգա առաջին նախախնամության կիրակին, համենայն դեպս այդպես են ասում։ Հետո ծորակը ետ կպտտեն առաջին, երկրորդ ու այսպես մինչև չորրորդ կիրակին, ինչպես գազի ծորակն են պտտում ետ, որպեսզի ընկույզների ու նուշերի հոտը լիովին հավասար լինի, որպեսզի բոլոր ընկույզկոտրուկները կարողանան հաստատապես համոզվել։

Նա գալիս է։ Նա մատուցում է։ Եվ այս ո՞վ է եկել մեզ մոտ։ Մանուկ Հիսո՞ւսը։ Փրկի՞չը։ Թե երկնային գազի աշխատող է եկել՝ թևի տակ դրած բերելով հաշվիչը, որը անընդհատ տկտկում է։ Եվ նա հաջորդում է․ «Ես եմ այս աշխարհի փրկիչը, առանց ինձ դուք չեք կարող եփել֊թափել»։ Նա բանակցելու պատրաստակամություն հայտնեց, լիովին ընդունելի գին պահանջեց, և պտտելով բացեց նոր մաքրված գազի ծորակներն ու խողովակների միջով բաց թողեց Սուրբ Հոգուն, որպեսզի հնարավոր լինի աղավնի եփել։ Նա նաև ընկույզներ ու նուշեր էր բաժանում, որպեսզի դրանք հենց տեղում կոտրի, և նրանք նույնպես սկսեցին հոսել՝ հոգին ու գազը, այնպես որ խիտ ու կապտավուն օդի միջով առևտրական տների առջև կանգնած բոլոր գազի աշխատողների մեջ ամեն գնի ու ամեն չափի Ձմեռ պապեր ու Մանուկ Հիսուսներ տեսնելը դյուրահավատների համար դժվարություն չէր ներկայացնում։ Իսկ տեսնելով՝ նրանք անվերապահորեն հավատացին հանրությանը բարիք բերող գազի գործակալին, որը հաշվիչների ցած ընկնող ու բարձրացող սլաքների օգնությամբ խորհրդանշում է ճակատագիրը և չափավոր գնով նախամանորյա կիրակիներ էր կազմակերպում։ Մինչդեռ շատերը հավատում էին ապագա Ամանորին, սակայն տոնի տաղտկալի օրերը կարողացան հաղթահարել միայն նրանք, ում համար նուշի ու ընկույզի պահուստները չբավականացրեցին՝ թեև բոլորը հավատում էին, թե իբր դրանք բավարար են և մի բան էլ ավելի։

Սակայն այն բանից հետո, երբ Ձմեռ պապի հանդեպ հավատը փոխվեց գազի աշխատանքի հանդեպ հավատի, որոշում կայացվեց քամահրել կորնթոսցիներին ուղարկված ուղերձի հաջորդականությունը և սկսել սիրուց։ Այսպես էր ասվում․ ես քեզ սիրում եմ Օսկար, ես սիրում եմ քեզ։ Իսկ դու քեզ սիրո՞ւմ ես։ Սիրո՞ւմ ես արդյոք դու ինձ, ասա, դու ինձ իսկապե՞ս սիրում ես։ Ես նույնպես քեզ սիրում եմ։ Եվ համատարած սիրուց նրանք միմյանց անվանում էին բողկ, սիրում էին բողկին, կծում էին բողկին, մի բողկ սիրուց դրդված կծում պոկում էր մեկ ուրիշի բողկը։ Նրանք բերում էին բողկերի միջև հրաշալի, ոչ երկնային, սակայն նաև երկրային սիրո օրինակներ, և, նախքան ատամներով կպչելը, սոված ու թարմ, շշնջում էին․ ասա, բողկիկ, դու ինձ սիրում ես։ Ես էլ եմ քեզ սիրում։

Սակայն այն բանից հետո, երբ նրանք բացարձակապես միայն սիրուց դրդված կծեցին միմյանց բողկերը, իսկ գազի աշխատակիցների հանդեպ հավատը բարձրացվեց մինչև պետական կրոնի մակարդակի, հավատից ու կանխագուշակված սիրուց հետո կրպակում չվաճառված մնաց միայն կորնթոսցիներին ուղարկված ուղերձի երրորդ բաղադրիչը՝ հույսը։ Եվ, խրթխրթացնելով բողկը, ընկույզներն ու նուշերը, նրանք արդեն հույս ունեին, որ շուտով կլինի վերջը, որպեսզի հնարավոր լինի ո՛չ այն է սկսել նորից, ո՛չ այն է եզրափակիչ դաշնաձայնությունից հետո շարունակել նույն ոգով՝ հուսալով, որ վերջի վերջը շուտով կգա։ Չնայած նրանք դեռևս չգիտեին, թե հատկապես ինչի վերջն է։ Նրանք միայն հույս ունեին, որ վերջը մոտ է՝ հենց վաղը, բայց և այնպես ոչ այսօր, քանզի ի՞նչ կհրամայեք նրանց անել անսպասելի վերջի հետ։ Իսկ երբ իսկապես էլ վերջը եկավ, նրանք այն ներկայացրեցին որպես հույսերով հարուստ սկիզբ, քանզի այդ կողմերում վերջը միշտ սկիզբ է նշանակում և հույս՝ յուրաքանչյուր, նույնիսկ ամենավերջնական վերջի մեջ։ Քանզի Սուրբ գրքում ասված է․ քանի դեռ մարդը չի կորցրել հույսը, նա կսկսի նորից ու նորից կատարման ավարտական հույսով։

Իսկ ահա ես, ես չգիտեմ։ Ես, օրինակ, չգիտեմ, թե ով է այսօր թաքնվում Ձմեռ պապի մորուքի տակ, չգիտեմ, թե ավազակ Ռուպրեխտը ինչ է թաքցրել պարկի մեջ։ Չգիտեմ, թե ինչպես են պտտելով բացում գազի ծորակները, ինչպես են պտտելով փակում գազը, քանզի արդեն կրկին խողովակների միջով հոսում է նախամանորյա կիրակին կամ ոչ թե կրկին, այլ դեռևս չգիտեմ։ Չգիտեմ՝ հնարավո՞ր է հանուն փորձարկման, չգիտեմ, ո՞ւմ պետք եղավ փորձարկել, չգիտեմ, կարող ե՞մ, արդյոք, հավատալ, որ նրանք, հույս ունենանք, սիրով են մաքրում գազօջախների բկիկները, որպեսզի դրանք ծուղրուղու կանչեին։ Չգիտեմ, թե ընդհանրապես ինչ կապ ունի այստեղ օրվա ժամը, քանզի սերը ժամանակ չգիտի, իսկ հույսը չունի վերջ, իսկ հավատը չգիտի սահմաններ, լոկ իմացությունն ու չիմացությունն են կապված ժամանակի ու սահմանների հետ և մեծ մասամբ մինչև քառասունը ավարտվում են մորուքներով, թիկունքապարկերով ու նուշով։ Այնպես որ, ստիպված եմ նորից կրկնել․ ես չգիտեմ, թե ինչով են օրինակ, նրանք լցոնում աղիքները և ում աղիքներն են պետքական։ Դրանք լցոնելու համար և չգիտեմ, թե ինչով են լցոնել, եթե նույնիսկ լցոնի գները պիտակավորված են նրբաճաշակ կամ կոպիտ, սակայն լիովին պարզորոշ։ Չգիտեմ, ինչից է ձևավորված գինը, որ բառարաններում են նրանք փնտրում ու գտնում անվանումներ լցոնման տեսակների համար, չգիտեմ, թե ինչով են նրանք լցոնում բառարաններն ու աղիքները, չգիտեմ, թե ում միսը, և չգիտեմ, թե ում լեզուն։ Բառերը նշանակում են, մսագործները լռում են, ես կտրում եմ օղակներով, դու բացում ես գրքերը, ես ընթերցում եմ այն, ինչը իմ ճաշակով է։ Դու չգիտես, թե ինչն է քո ճաշակով՝ երշիկի օղակներ և մեջբերումներ գրքերից ու գրքույկներից, և մեզ երբեք բախտ չի վիճակվի իմանալ, թե ով ստիպված եղավ հավերժ լռել ու համրանալ․ որպեսզի աղիքները լցոնելու հումք լիներ, որպեսզի գրքերը լեզու ձեռք բերեին, լցոնված, սեղմված, խիտ գրոտված, սակայն ես չգիտեմ, ես կռահում եմ․ մեկ և միևնույն մսագործներն են լցոնում գրքերն ու աղիքները բառերով ու երշիկի ֆարշով։ Աշխարհում ոչ մի Պետրոս էլ չկա, այդ մարդուն Սավուղ էին անվանում, նա էլ հենց Սավուղն էր ու որպես Սամուղ, Կորնթոսի մարդկանց պատմում էր երշիկի էժանագին տեսակների մասին, որոնք նա անվանում էր հավատ, հույս և սեր։ Երշիկների մասին, որոնք իբր թե սքանչելի են յուրացվում, որոնք նա մինչ օրս էլ Սավուղի փոփոխական կերպարանքով պարտադրում է մարդկանց։

Իսկ ինձանից նրանք խլեցին խաղալիքներ վաճառողին՝ ցանկանալով նրա հետ մեկտեղ աշխարհից արտաքսել բոլոր խաղերը։

Վաղուց, շատ վաղուց աշխարհում ապրում էր մի երաժիշտ, որին անվանում էին Մայն և որը կարողանում էր սքանչելի շեփոր նվագել։

Վաղուց, շատ վաղուց աշխարհում ապրում էր մի խաղալիքներ վաճառող, որին անվանում էին Մարկուս և որը վաճառում էր կարմիրը՝ սևով, լաքապատ թիթեղներ, թմբուկներ։

Վաղուց, շատ վաղուց ապրում էր Օսկար անունով մի թմբկահար, և նա չէր կարողանում ընտելանալ առանց այն մարդու, որը խաղալիքներ էր վաճառում։

Վաղուց, շատ վաղուց ապրում էր Մայն անունով երաժիշտը, և նա կրակխառնիչով՝ սպանելու աստիճան, ծեծեց իր չորս կատուներին։

Վաղուց, շատ վաղուց ապրում էր Լաուբշադ անունով ժամագործը, և նա կենդանիների պաշտպանության միության անդամ էր։

Վաղուց, շատ վաղուց ապրում էր Օսկար անունով թմբկահարը, և նրանք նրանից խլեցին խաղալիքներ վաճառողին։

Վաղուց, շատ վաղուց ապրում էր Մարկուս անունով մի խաղալիքներ վաճառող, և նա իր հետ այս աշխարհից տարավ բոլոր խաղալիքները։

Վաղուց, շատ վաղուց ապրում էր Մայն անունով մի երաժիշտ, և եթե նա չի մահացել, ապա ապրում է նաև այսօր և կրկին նվագում է իր շեփորը։


Գիրք երկրորդ

Բեկորներ

Այցելությունների օրը Մարիան ինձ նոր թմբուկ բերեց։ Երբ թիթեղիկի հետ նա ցանկանում էր մահճակալի ճաղերի վրայով մեկնել նաև խաղալիքների չեկը, ես ձեռքով ետ վանեցի, և ոտքերիս մոտի զանգի կոճակը սեղմեցի այնքան ժամանակ, մինչև որ չեկավ Բրունոն՝ իմ հիվանդապահը, և չարեց այն, ինչ անում էր յուրաքանչյուր անգամ, երբ Մարիան ինձ նոր, կապույտ թղթի մեջ փաթաթված թիթեղյա թմբուկ էր բերում։ Նա քանդեց փաթեթի առասանակը, որպեսզի փաթեթի եզրերը իրարից հեռանան և որպեսզի թիթեղի լույս աշխարհ գրեթե հանդիսավոր հայտնվելուց հետո այն կրկին խնամքով ծալվի։ Միայն դրանից հետո էր Բրունոն հանդիսավոր քայլերով գնում, իսկ երբ ես ասում եմ «հանդիսավոր քայլերով», ես նկատի ունեմ հենց հանդիսավոր քայլերը՝ հանդիսավոր քայլերով նոր թմբուկը ձեռքին գնաց դեպի լվացարանը, բացեց տաք ջրի շիթը և զգույշ, չվնասելով ո՛չ սպիտակ, ո՛չ կարմիր լաքը, գնապիտակը պոկեց կաղապարից։

Երբ ոչ երկարատև և ոչ չափից դուրս հոգնեցուցիչ այցից հետո Մարիան մտադրվեց հեռանալ, նա վերցրեց հին թմբուկը, որը ես վերջնականապես ոչնչացրել էի Հերբերթ Տրուչինսկու մեջքը և փայտե գալիոնյան ֆիգուրը նկարագրելիս և, հնարավոր է, կորնթոսցիներին ուղերձը չափից դուրս ազատ մեկնաբանելիս։ Վերցրեց իր հետ, որպեսզի մեզ մոտիկ նկուղում ավելացնի նախկինում օգտագործված թմբուկների թիվը, որոնք ծառայել էին մասամբ գործածական, մասամբ զուտ անձնական նպատակների։ Սակայն հեռանալուց առաջ նա ասաց․

― Ախր, նկուղում գրեթե տեղ չի մնացել։ Գլուխ չեմ հանում, թե ուր դնեմ ձմռան համար պահեստավորված կարտոֆիլը։

Ես ժպտալով չլսելու տվեցի Մարիայի շուրթերով հաղորդված տնային տնտեսուհու կշտամբանքը և խնդրեցի սև թանաքով մանրակրկիտ համարակալել իր ծառայությունն ավարտած թմբուկը։ Այնուհետև իմ կողմից թղթի մի կտորի վրա գրած տարեթվերը և տվայլ թմբուկի կյանքի ուղուն վերաբերող համառոտ տեղեկությունները փոխանցեցի այն գլխավոր մատյանի մեջ, որն արդեն երկար տարիներ կախված է նկուղի դռան ներսի կողմից և իմ թմբուկների մասին գիտե ամեն ինչ՝ սկսած քառասունինը թվից։

Մարիան հրաժեշտ էր տալիս, ինձ համբուրելով, հնազանդորեն գլխով արեց ու հեռացավ։

Կարգ ու կանոնի հանդեպ իմ սերը այսուհետև էլ նրա համար կմնա անըմբռնելի և փոքր֊ինչ վախեցնող զգացմունք։ Օսկարը լավ էր հասկանում Մարիայի տարակուսանքները՝ նամանավանդ որ ինքն էլ չէր կարող ասել, թե ինչու է այդ կարգի պեդանտությունը իրեն դարձնում իրենց դարն ապրած թմբուկների հավաքող։ Ի լրումն՝ նա, ինչպես և նախկինում, կցանկանար այլևս երբեք չտեսնել բեկորների այդ կույտը իրենց բիլկյան բնակարանի կարտոֆիլի նկուղում։ Չէ՞ որ նա սեփական փորձից գիտի, որ երեխաները արհամարհանքով են վերաբերվում իրենց հայրերի հավաքածուներին և որ, ուրեմն, ինչ֊որ ժամանակ ժառանգությունը ընդունելով, նրա որդի Կուրտը լավագույն դեպքում կցանկանա թքել այդ բոլոր չարաբաստիկ թմբուկների վրա։

Այդ դեպքում հանուն ինչի եմ ես ամեն երեք շաբաթը մեկ Մարիայի հետ հանդիպումների ժամանակ ցանկություններ հայտնում, որոնք, եթե մանրակրկիտ կատարվեն, մի գեղեցիկ օր կհանգեցնեն մեր նկուղի բերնբերան լցվելուն և տեղ չեն թողնի ձմեռվա կարտոֆիլի համար։ Չէ՞ որ իմ գլխում հազվադեպ, գնալով ավելի ու ավելի հազվադեպ բռնկվող այն գաղափարը, թե հնարավոր է, որ ինչ֊որ ժամանակ ինչ֊որ մի թանգարան կհետաքրքրվի իմ հաշմանդամ թմբուկներով, ծագեց, երբ, նկուղում կուտակելով, դրանց թիվը արդեն հասել էր մի քանի տասնյակի։ Ասել է թե հավաքածուի հանդեպ իմ կրքի գաղտնիքը այստեղ չի թաքնված։ Ավելի շուտ, և որքան այդ մասին ես ավելի շատ եմ մտորում, այնքան, որպես բացատրություն, ավելի համոզիչ տեսք է ստանում իմ հավաքածուների հանդեպ պարզագույն կրքերի ամբողջությունը, կգա օրը, և թիթեղյա թմբուկները կպակասեն, կդառնան հազվագյուտ իրեր, կշնորհազրկվեն և կենթարկվեն ոչնչացման։ Կգա օրը, և հնարավոր է, որ Օսկարը ստիպված կլինի որոշ ոչ շատ կոտրված թմբուկներ տանել վերանորոգման, որպեսզի թիթեղագործը ինձ օգնի կարկատած վետերանների օգնությամբ վերապրել թմբուկազրկությունը, վերապրել սարսափելի ժամանակը։

Հավաքելու հանդեպ իմ կրքի պատճառների վերաբերյալ դրա նման, չնայած, իհարկե, այլ արտահայտություններով են արտահայտվում նաև մեր հատուկ բժշկական հիմնարկության բժիշկները։ Բժշկուհի ֆրոյլյայն Հորնշտերտերը նույնիսկ կամեցավ իմանալ, թե հատկապես որ օրը կարելի է համարել իմ կրքերի ամբողջության ծննդյան օրը։ Ես կարող էի բավական մեծ ճշտությամբ նրան հայտնել հազար ինը հարյուր երեսունութ թվի նոյեմբերի տասը, քանզի այդ օրը ինձանից խլեցին Սիգիզմունդ Մարկուսին, որը իմ թմբուկների պահեստի տնօրենն էր։ Եթե նույնիսկ իմ խեղճ մայրիկի մահից հետո ժամանակին նոր թմբուկ ստանալը ինձ համար դարձավ դժվար, որովհետև ակամա դադարեցի դեպի Յոգհաուս֊պասաժի հինգշաբթի օրերի այցելությունները, իսկ Մարիային այնքան էր մտհոգում իմ գործիքների խնդիրը։ Իսկ Յան Բրոնսկին ավելի ու ավելի հազվադեպ էր մեզ մոտ գալիս, դժվար չէ պատկերացնել, թե որքան առավել անհույս դարձավ իմ վիճակը, երբ ջախջախեցին խաղալիքների կրպակը, և հավաքված գրասեղանի ետևում նստած Մարկուսի տեսքը ինձ համոզիչ ցույց էր տալիս․ Մարկուսը այլևս երբեք քեզ թմբուկ չի նվիրի, Մարկուսը այլևս խաղալիքներ չի վաճառում, Մարկուսը հավերժ խզեց իր գործարար հարաբերությունները այն ընկերության հետ, որ մինչ այժմ սպիտակ և կարմիր լաքով պատած գեղեցիկ թմբուկներ էր արտադրում ու առաքում։

Սակայն այդ ժամանակ ես դեռ չէի գիտակցում, որ, քանի որ եկավ խաղալիքներ վաճառողի վերջը, ապա նրա հետ մեկտեղ ավարտվեց նաև սկզբնական, համեմատաբար անհոգ խաղի շրջանը։ Ավելին, ես փլատակների կույտի վերածված խանութից ընտրեցի մեկ անվնաս և երկու թեթևակի ծռված թմբուկ, իմ ավարը տարա տուն և երևակայեցի, թե ապագայի համար լիովին ապահովված եմ։

Այդ թմբուկներին ես շատ խնամքով էի վերաբերվում, միայն հազվադեպ էի թմբկահարում, միայն սուր անհրաժեշտության դեպքում, օրվա երկրորդ կեսին հրաժարվում էի թմբկահարելուց՝ չնայած ոչ առանց ինքս ինձ վրա ճնշում գործադրելու թմբուկային նախաճաշերից, որոնք միակն էին, որ զարդարում էին իմ օրվա հետագա ընթացքը։ Օսկարը իրեն վարժեցնում էր ճգնավորության, նա նիհարում էր, նրան ներկայացնում էին բժիշկ Հոլլացին ու բժշկի օգնականուհուն՝ քույր Ինգային, որը գնալով ավելի ոսկրոտ էր դառնում։ Ինձ չափից դուրս շատ քաղցրով կամ թթուով, կամ ընդհանրապես անհամ դեղձերով էին կերակրում, ամեն ինչում մեղադրում էին գեղձերին, որոնք, ըստ բժշկի խոսքերի, իրենց հիպո կամ հիպերկենսագործունեությամբ թեթևակի վատթարացնում էին իմ ինքնազգացողությունը։

Բժիշկ Հոլլացի հետ հանդիպումներից խուսափելու համար Օսկարը որոշակի չափավորեց իր ճգնավորությունը, քաշը ավելացրեց, հազար ինը հարյուր երեսունինը թվի ամռանը կրկին դարձավ գրեթե այնպիսին, ինչպես նախկինում երեքամյա Օսկարն էր։ Եվ վերջնականապես ոչնչացրեց Մարկուսից ստացած թմբուկը՝ այդ կերպ վճարելով մանկական թմբլիկության համար։ Թիթեղը անընդհատ դղրդում էր, զրնգում, շաղ էր տալիս սպիտակ ու կարմիր լաքեր, ժանգոտվում ու անբարետեսորեն կախվում էր իմ փորի վրա։

Մացերատից օգնություն խնդրելն անիմաստ էր՝ չնայած նա իր բնավորությամբ միշտ գթասիրտ և նույնիսկ բարի մարդ էր։ Իմ խեղճ մայրիկի մահից հետո այդ մարդը մտածում էր միայն իր կուսակցական բարեհիմարությունների մասին, հոգին թեթևացնում էր ցելլենլյայթերների հետ հանդիպումներում կամ կեսգիշերից անց բավականաչափ խմելով։ Երկար ու մտերմիկ զրույց էր ունենում Հիտլերի ու Բեթհովենի՝ սև շրջանակների մեջ դրված պատկերների հետ, որոնք կախված էին մեր հյուրասենյակում, որպեսզի հանճարը իր առաջ բացեր իր հետագա ճակատագիրը, իսկ ֆյուրերը՝ կանխատեսվող ուղիները, իսկ սթափ վիճակում ընդունում էր ճակատագրով իր համար նախանշված ձմեռային օգնության հանգանակությունը։

Ես միայն տհաճությամբ եմ վերհիշում հանգանակությանը նվիրված կիրակի օրերը․ զուր չէ, որ նմանատիպ օրերից մի օր ես նոր թմբուկով հարստանալու փորձ ձեռնարկեցի։ Մացերատը, որն առավոտյան ժամերին հանգանակություն էր հավաքում գլխավոր փողոցում գտնվող կինոթատրոնի, ինչպես նաև Շթերնֆելդի առևտրի տան դիմաց, ճաշի ժամին վերադառնալով տուն և իր համար ու ինձ համար քյոնիգսբերգյան տեֆտելիներ տաքացրեց։ Այդ համեղ ճաշից հետո, ինչպես ես մինչև այժմ հիշում եմ, նույնիսկ կնոջը կորցնելով, Մացերատը մեծագույն հաճույքով ու շատ լավ էր եփում թափում՝ հանգանակություն հավաքողը հոգնած պառկեց թախտի վրա, որպեսզի մի քիչ ննջի։

Սակայն նրա շնչառությունը դեռ նոր էր քնածի շնչառություն դարձել, երբ ես դաշնամուրի վրայից վերցրեցի հանգանակության կիսով չափ լցված մետաղադրամատուփը, որից հետո այն բանի հետ միասին, ինչը պահածոյի թուփի տեսք ուներ, թաքնվեցի խանութում, վաճառասեղանի տակ, որտեղ էլ սկսեցի ծաղր ու ծանակի ենթարկել բոլոր թիթեղներից ամենածիծաղելին։ Ամենևին էլ ոչ այն պատճառով, որ ցանկանում էի մի քանի կոպեկով հարստանալ, ոչ, ոչ, ուղղակի մի ինչ֊որ հիմար գայթակղություն ինձ ստիպեց այն փորձել օգտագործել թմբուկի դերում։ Սակայն որքան էլ որ ես նրան հարվածում էի, որքան էլ փայտիկները մի ձեռքից մյուսն էի տեղափոխում, միշտ միատեսակ պատասխան էր հնչում․ «Հանգանակեք ձմեռային օգնության համար։ Ոչ ոք չպետք է սոված մնա, ոչ ոք չպետք է մրսի։ Հանգանակեք ձմեռային օգնության համար։

Մոտ կես ժամ տանջվելուց հետո ես հանձնվեցի, դրամարկղից հինգ գուլդեն հանեցի ու այն հանգանակեցի հօգուտ ձմեռային օգնության և այդ ձևով հարստացրած թիթեղը տարա դրեցի դաշնամուրի վրա, որպեսզի Մացերատը կարողանար նրան այնտեղ տեսնել և այնուհետև կիրակի օրվա մնացած մասը սպաներ՝ ձմեռային օգնության օգտին ծնգծնգացնելով։

Այս չհաջողված փորձը ինձ մեկընդմիշտ բուժեց։ Այդ ժամանակից ի վեր ես ոչ մի անգամ պահածոյի տուփը, շուռ տված դույլը կամ տաշտակի հատակը թմբուկի տեղ օգտագործելու լուրջ փորձեր չարեցի։

Իսկ եթե նույնիսկ փորձում էի, ապա այժմ բոլոր ուժերս ներդնում էի, որպեսզի գլխիցս դուրս նետեմ այդ անփառունակ դրվագները և իմ գրառումներում դրան կամ շատ քիչ տեղ եմ հատկացնում, կամ ընդհանրապես չեմ հատկացնում։ Քանզի պահածոյի տուփը թմբուկ չէ այլ դույլ՝ դա դույլ է, իսկ տաշտակի մեջ կարող էս կամ ինքդ լվացվել, կամ գուլպաներ լվանալ։ Ինչպես այժմ չկար ոչ մի փոխարինող, այդպես էլ չկար նաև այն ժամանակ, թիթեղյա թմբուկը ինքն է իր մասին խոսում սպիտակակարմիր լաքապատված բոցի լեզուներով, և նրան պետք է չէ, որպեսզի իր փոխարեն ուրիշները խոսեն։ Օսկարը մնաց մենակ, վաճառված ու հավատարիմ։ Ինչպե՞ս կհրամայեք նրան՝ այսուհետև ևս պահպանել երեք տարեկան մանուկի դեմքը, եթե այլևս չունի իր համար ամենաանհրաժեշտը, չունի թմբուկ։ Բոլոր այդ բազմամյա խորամանկությունները, օրինակ, ասենք, ժամանակ առ ժամանակ անկողնում լճակ գոյացնելը, ամեն երեկո մանկան նման երեկոյի աղոթքը բլբլացնելը, վախենալը Ձմեռ պապին տեսնելիս, որին, ընդհանրապես, Գրեֆ էին անվանում, առանց հոգնելու երեք տարեկանին տիպիկ ծիծաղելի հարցեր տալը, ինչպես, ասենք․ «Իսկ ինչո՞ւ մեքենաները անիվներ ունեն»՝ մի խոսքով, այն բոլոր ջղաձիգ շարժումները, որոնք ինձնից սպասում էին մեծահասակները, ես պետք է ձեռնարկեի առանց թմբուկի, ես արդեն պատրաստ էի հանձնվելու ու հուսահատորեն, ուժերի վերջին լարումով փնտրում էի նրան, ով չնայած իմ հայրը չէր, սակայն և այնպես, շատ հնարավոր է, որ ինձ աշխարհ էր բերել։ Օսկարը լեհական ավանից ոչ հեռու Ռինգշտրասեի վրա սպասում էր Յան Բրոնսկուն։

Չնայած բազմաթիվ ընդհանուր սքանչելի հիշողություններին՝ իմ խեղճ մայրիկի մահը թող որ ոչ հանկարծակի ու միանգամից, այլ կամաց֊կամաց, իսկ քաղաքական վիճակի սրման հետ առավել անշրջելիորեն, դադարեցրեց, կարելի է ասել, երբեմն նույնիսկ ընկերական հարաբերությունները՝ ձևավորված Մացերատի ու մորեղբորս միջև, որին, ի միջի այլոց, այս ժամանակահատվածում հասցրեցին դարձնել փոսատատան քարտուղար։ Իմ մայրիկի սլացիկ հոգու և շքեղ մարմնի քայքայման հետ քայքավեց նաև ընկերությունը երկու տղամարդկանց միջև, որոնք երկուսն էլ անդրադառնում էին այդ հոգու հայելու մեջ, որոնք երկուսն էլ խժռում էին նրա մարմինը և որոնք այժմ, զրկվելով այդ սննդից, չէին կարողանում իրենց տղամարդկային հավաքույթներից բացի որևէ մեկ այլ շատ թե քիչ էական փոխարինում գտնել, չնայած հակառակ հայացքներ ունեցող, սակայն միատեսակ սիգարետներ ծխող տղամարդկանց շրջանում։ Սակայն ո՛չ Լեհական փոստատունը, ո՛չ էլ թևքերը քշտած ցելլենլյայթերների հանդիպումները չէին կարող փոխարինել գեղեցիկ և, չնայած ամուսնական անհավատարմությանը, զգացմունքային կնոջը։ Ողջ զգուշավորությամբ հանդերձ՝ Մացերատը պարտավոր էր հաշվի նստել իր գնորդների ու իր կուսակցության հետ, իսկ Յանը՝ փաստորեն ղեկավարության։ Խեղճ մայրիկիս մահվանից ու Սիգիզմունդ Մարկուսի «մեկուսանալուց» անցած կարճ ժամանակահատվածի ընթացքում իմ երկու ենթադրյալ հայրերը այնուամենայնիվ հանդիպեցին։ Ամիսը երկու, երեք անգամ կեսգիշերին կարելի է լսել, թե ինչպես Յանը իր մատների ոսկորներով ծեծում է մեր հյուրասենյակի պատուհանը։ Այն բանից հետո, երբ Մացերատը մի կողմ էր քաշում վարագույրը և կիսով չափ բացում էր պատուհանը, երկուսն էլ աննկարագրելի շփոթվում էին, մինչև որ մեկը կամ մյուսը չէր գտնում փրկող խոսքը՝ առաջարկելով այդ ուշ ժամին մեկ պարտիա սկատ խաղալ։ Նրանք բանջարեղենի կրպակից դուրս էին բերում Գրեֆին, իսկ եթե Գրեֆը չէր ցանկանում, չէր ցանկանում Յանի պատճառով, չէր ցանկանում, քանի որ որպես նախկինում սկաուտների առաջնորդող(այդ ընթացքում նա հասցրել էր ցրել իր խումբը) պարտավոր էր շրջահայաց լինել, բացի այդ առանձնակի հաճույքով էր սկատ խաղում։ Այդ դեպքում երրորդը նստում էր հացթուխ Ալեքսանդր Շեֆլերը։ Ճիշտ է, Շեֆլերը ևս իմ մորեղբայր Յանի դիմաց սեղանի մոտ առանց որևէ հաճույքի էր նստում, սակայն իմ խեղճ մայրիկի հանդեպ հայտնի բարյացակամությունը, որը, կարծես, ժառանգաբար փոխանցվել էր Մացերատին, և ի լրումն՝ Շեֆլերի դրույթը այն մասին, որ մանրածախ առևտրականները պետք է միմյանց նեցուկ լինեն, ստիպում էին կարճոտն հացթուխին Մացերատի կանչով Քլյայնհամմերվեգից շտապ գալ, իր տեղը զբաղեցնել մեր հյուրասենյակի սեղանի մոտ։ Կարծես՝ որդնակերուկի կողմից փչացված, գունատ մատներով խառնել խաղաթղթերը և դրանք բաժանել՝ ինչպես բուլկիները՝ սոված ժողովրդին։

Քանի որ այդ արգելված խաղերը մեծ մասամբ սկսվում էին միայն կեսգիշերից հետո, իսկ երեքին, երբ Շեֆլերը պետք է շտապեր դեպի փուռ, դադարեցվում էին, ինձ միայն հազվադեպ էր հաջողվում գիշերային ներքնազգեստով և հնարավորին չափ անաղմուկ դուրս սահել անկողնուց ու աննկատ և, բացի այդ, առանց թմբուկի տեղափոխվել սեղանի տակի մութ անկյունը։

Ինչպես դուք, կարծում եմ, հասցրեցիք ավելի վաղ նկատել, որ հին ժամանակներից ի վեր իմ ամենահարմար դիտակետը տեղակայված էր սեղանի տակ, այնտեղ ես համեմատություններ էի անում։ Ինչ աստիճան փոխվեց ամեն ինչ իմ խեղճ մայրիկի մահից հետո։ Ոչ մի Յան Բրոնսկի, որը զգույշ էր սեղանի վերևում, բայցևայնպես պարտվում էր խաղ խաղի ետևից, չէր փորձում սեղանի տակ կոշիկը հանած ոտքով հերոսական նվաճումներ կատարել նրա ոտքերի արանքում։ Այդ տարիներին արդեն սեղանի տակ էրոտիկա չկար, իսկ սիրո մասին խոսելն ավելորդ է։ Վեց շալվարավոր, եղևնաձև տարբեր խտության նկարներ ցուցադրելով, երկարացրել էին իրենց վեց մերկ կամ վարտիքներ նախընտրող շատ կամ քիչ մազոտ ոտքերը, որոնք սեղանի տակ վեցապատիկ անգամ ձգտում էին խուսափել նույնիսկ հպանցիկ շփումից՝ որպիսին էլ որ այն լինի, իսկ սեղանի վրա ամենապարզունակ ձևով վեր էին ածվում իրանների, գլուխների և ուսերի ու հանձնվում խաղին, որը քաղաքական նկատառումներով ենթակա էր արգելքի, սակայն յուրաքանչյուր հաղթած կամ պարտված խաղափուլից հետո ամենևին ափսոսանքի կամ ցնծության խոսքեր չէր բացառում, Լեհաստանը տանուլ տվեց գրանդը, Ազատ քաղաք Դանցիգը գերմանական Մեծ ռայխի համար ճարպկորեն խլեց բլանկային քյարփինչը։

Կարելի էր առանց դժվարության կանխատեսել, որ կգա այն օրը, երբ խաղային մանևրումները կմոտենան իրենց ավարտին՝ ինչպես վաղ թե ուշ իրենց ավարտին են մոտենում ցանկացած մանևրումները, որպեսզի, այսպես ասած, իրական վտանգի դեպքում արդեն ընդլայնված մակարդակով հենվեն կոնկրետ փաստերի վրա։

Երեսունիննի վաղ գարնանը պարզվեց, որ ընկերության ամենշաբաթյա հավաքներին Մացերատը սկատի համար առավել չեզոք խաղընկերներ էր փնտրում, քան լեհական փոստատան ծառայողներն ու սկատների նախկին առաջնորդներն էին։ Յան Բրոնսկին ուզեր չուզեր ստիպված էր հիշել, թե որտեղ է իր տեղը, այժմ նա ընկերություն էր անում առավելապես փոստային աշխատողների հետ։ Օրինակ՝ շենքի պարետ հաշմանդամ Կոբիելայի հետ, որն իր ժամանակին մարշալ Պիլսուդսկու լեգենդար լեգեոնում ծառայելով՝ չնայած որ պահպանել էր զույգ ոտքերը, սակայն դրանցից մեկը մյուսից մի քանի սանտիմետրով կարճ էր դարձել։ Չնայած իր այդ կարճացված ոտքին՝ Կոբիելան լիարժեք պարետ էր, դրան ավելացրած՝ ոսկե ձեռքերի տեր արհեստավոր, ում ենթադրայլ բարեսրտության վրա էլ հենց հույսս դրել էի իմ վատառողջ թմբուկի վերանորոգման գործում։ Եվ միայն այն պատճառով, որ դեպի Կոբիելան տանող ճանապարհը անցնում էր Յան Բրոնսկու միջով, ես գրեթե ամեն օր, ժամը վեցին մոտ (նույնիսկ ամենաանտանելի շոգ եղանակին) լեհական ավանից ոչ հեռու զբաղեցնում էի իմ դիտակետը ու սպասում Յանին, որը սովորություն ուներ աշխատանքից վերադառնալ րոպեի ճշգրտությամբ։ Սակայն Յանը չէր հայտնվում։ Փոխարենը ինձ հարց տայի, թե այդ ի՞նչ է անում քո այդ ենթադրյալ հայրը աշխատանքից հետո՝ ես հաճախակի նրան սպասում էի մինչև յոթը, մինչև յոթն անց կեսը։ Սակայն նա այդպես էլ չէր գալիս։ Ես կարող էի գնալ Հեդվիգ մորաքրոջ մոտ, իսկ միգուցե Յանը հիվանդացել է, իսկ միգուցե նա տաքություն ունի, իսկ միգուցե նա պառկած է գիպսի մեջ դրված ոտքով։ Սակայն Օսկարը կանգնում էր՝ տեղից չշարժվելով և բավարարվում էր նրանով, որ ժամանակ առ ժամանակ աչքը գցում էր Լեհական փոստատան քարտուղարի վարագույրների վրա։ Անհասկանալի վեհերոտությունը Օսկարին խանգարում էր այցի գնալ Հեդվիգ մորաքրոջը, որի կովի աչքերը իրենց մայրական ջերմությամբ նրա տրամադրությունը դարձնում էին թախծոտ։ Ի լրումն՝ նա այնքան էլ բարձր չէր գնահատում Բրոնսկիների ընտանիքի երեխաներին, այսինքն՝ իր ենթադրյալ խորթ եղբորն ու քրոջը։ Նրանք նրա հետ վերաբերվում էին ինչպես տիկնիկի հետ։ Նրանք ցանկանում էին նրա հետ խաղալ, ցանկանում էին նրան օգտագործել որպես տիկնիկ։ Ո՞վ էր տասնհինգամյա Ստեֆանին՝ Օսկարի հասակակցին, նրա հետ հայրաբար, խրատաբար, մեծամտորեն վերաբերվելու իրավունք տվել։ Իսկ նրանց տասնամյա Մարգան, իր հյուսքերով ու լիալուսնի նմանվող կլոր ու յուղոտ դեմքով, նա ինչ, Օսկարի մեջ հագցնելու և հանվեցնելու համար պիտանի անկամք տիկնիկ էր տեսնում, տիկնիկ, որին կարելի էր ժամերով սանրել, հարդարել, ուղղել֊շտկել, խրատել։ Դե, իհարկե, երկուսն էլ իմ մեջ տեսնում էին խղճահարության արժանի կանոնից դուրս թզուկ երեխայի, իսկ իրենց կարծում էին լիովին առողջ և հույսեր ներշնչող, զուր չէ, որ նրանք Կոլյայչեկ տատիկի սիրելիներն էին, որին ես, ցավոք սրտի, ամենափոքր առիթն անգամ չէի տալիս ինձ ևս իր սիրելին դարձնելու։

Հեքիաթների ու նկարազարդ գրքույկների օգնությամբ հնարավոր չէր ինձ հետ բարեկամանալ։ Իսկ ես իմ տատիկից սպասում էի, և նույնիսկ այսօր մանրամասնորեն ու մեծ հաճույքով գրում եմ դա, մի ինչ֊որ լիովին միանշանակ բան և այդ իսկ պատճառով՝ հազիվ հասանելի։ Հենց Օսկարը տեսնում էր տատիկին, անպայման ուզում էր, իր Կոլյայչեկ պապիկի հետքերով գնալով, նրա մոտ ապաստան գտնել և, եթե հաջողվի, այլևս երբեք այլ կերպ չշնչել, քան նրա հովանու տակ։ Ախ, ինչպիսի հնարամտությունների ասես ես չէի դիմում, որպեսզի մտնեմ տատիկիս շրջազգեստի տակ։ Չեմ կարող ասել, որ նրան ամենևին դուր չէր գալիս, երբ Օսկարը նստում էր նրա շրջազգեստի տակ։ Սակայն նա անվճռորոշության մեջ մեծ մասամբ մերժում էր ինձ՝ չնայած հավանաբար առանց տատանվելու նման ապաստան կտրամադրեր ցանկացած մեկ ուրիշին, ով գոնե հեռավոր ձևով նմանվեր Կոլյայչեկին։ Իսկ ինձ, ով օժտված չէր ո՛չ կազմվածքով և ո՛չ էլ ուներ մշտապես հրդեհելու համար պատրաստ դրած լուցկի, ստիպում էր այդ ամրոցը ներթափանցելու համար տրոյական ձի հայտնագործել։

Օսկարը իրեն տեսնում է իսկական երեք տարեկանի պես գնդակով խաղալիս, նկատում է, թե ինչպես է այն Օսկարի գնդակը պատահաբար գլորվում շրջազգեստների տակ, ապա ինքը ևս սլանում է այդ կլոր առարկայի ետևից՝ ավելի շուտ, քան տատիկը, գուշակելով նրա խորամանկությունը, հասցնում է գնդակը վերադարձնել։ Եթե այդ պահին կային մեծահասակներ, տատիկս թույլ չէր տալիս ինձ նստած մնալ շրջազգեստների տակ։ Որովհետև մեծահասակները ծիծաղում էին նրա վրա՝ պարզորոշ ակնարկելով այն մասին, թե ինչպես նա աշնանային կարտոֆիլի դաշտի մեջ հարսնացավ և ստիպում էին նրան, չնայած որ նա առանց այն էլ գունատությամբ չէր տառապում, որ երկար ժամանակ կարմրի, ինչը նրան, վաթսուն տարեկանին, և այն էլ ալեհեր մազերի առկայությամբ, շատ էլ սազում էր։

Սակայն երբ իմ Աննա տատիկը մենակ էր լինում, իսկ դա հազվադեպ էր պատահում, իմ մայրիկի մահվանից հետո ես նրան հազվադեպ էի տեսնում և գրեթե դադարեցի տեսնվել, երբ նա ստիպված եղավ կորցնել Լանգֆուրյան տոնավաճառի իր կրպակը, նա ավելի հաճույքով, երկար ու ինքնակամ պահում էր ինձ իր կարտոֆիլային շրջազգեստների տակ։ Եվ հարկ չէր լինում հիմար գնդակով դիմելու նույնպիսի հիմար խորամանկությունների, որպեսզի ինձ ներս թողնեն։ Թմբուկիս հետ միասին հատակի վրա սահելով, մի ոտքս սեղմելով ու առաջ հրելով մի կահույքից դեպի մյուսը՝ ես մոտենում էի տատիկիս սարին։ Հասնելով նրա լանջին՝ փայտիկներով վեր էի բարձրացնում քառաշերտ թաղանթը, հայտնվում էի նրա տակ, թույլ էի տալիս, որպեսզի վարագույրը քառապատիկ անգամ ընկնի, մեկ րոպե քարանում էի անշարժության մեջ և, և իմ մարմնի ողջ ուժով շնչելով, տրվում էի փոքր֊ինչ կծված հուղի կտրուկ հոտին, որը մշտապես և տարվա եղանակներից անկախ իշխում էր այդ չորս շրջազգեստների տակ։ Եվ միայն այն ժամանակ էր Օսկարը սկսում թմբկահարել։ Նա հո գիտեր, թե ինչն է տատիկի համար հաճելի և ահա թմբուկի վրա թմբկահարում էր հոկտեմբերյան անձրևի ձայները, որոնք հիշեցնում էին այն ձայները, որ նա, պետք է կարծել, լսել էր իր խարույկի մոտ, որի վրա այրվում էր տերևուքը, երբ հրձիքի հոտով հետապնդվող Կոլյայչեկը վազելով մտավ նրա շրջազգեստների տակ։ Ես թմբուկի վրա խփում էի բարակ ու թեք անձրևի ձայնով՝ մինչև հոգոցներ ու սրբերի անուններ լսեի, իսկ հոգոցներն ու անունները ճանաչելը, որոնք այն իննսունինը թվին բարձր էին հնչում, երբ իմ տատիկը թրջվում էր անձրևի տակ, իսկ Կոլյայչեկի համար չոր էր ու տաք, ես տրամադրում եմ ձեզ։

Երբ երեսունիննի օգոստոսին ես Լեհական ավանի դիմաց սպասում էի Յան Բրոնսկուն, հիշողությանս մեջ տատիկս հաճախ էր հայտնվում։ Չէ՞ որ նա, ըստ ամենայնի, կարող էր Հեդվիգ մորաքրոջ տանը հյուր եղած լինել։ Սակայան որքան էլ, թվում է, գայթակղիչ էր տատիկի շրջազգեստների տակ նստած, փոքր֊ինչ կծված յուղի հոտը ներշնչելը, ես այն ժամանակ, երրորդ հարկ չբարձրացա, ես չզանգեցի դռների մոտ, որի ցուցանակին գրված էր՝ «Յան Բրոնսկի»։ Ինչ կարող էր Օսկարը առաջարկել իր տատիկին։ Նրա թմբուկը կոտրված էր, նրա թմբուկը կորցրել էր իր ունակությունները, նրա թմբուկը մոռացել էր, թե ինչ ձայն է արձակում հոկտեմբերյան անձրևը, երբ մանր ու թեք խարույկի վրա է ընկնում, որի մեջ այրվում է տերևուքը։ Իսկ քանի որ տատիկիս կարելի էր մոտենալ միայն աշնանային անձրևի ձայնային ձևավորմամբ, Օսկարը այդպես էլ կանգնած մնաց Ռինգշտրասե փողոցում։ Աչքերով դիմավորում, իսկ հետո ուղեկցում էր տրամվայները, որոնք զանգ տալով բարձրանում էին Խերեսանգերով, իսկ այնուհետև իջնում էին նրանով վար, և բոլորը մեկի պես գնում էին հինգերորդ երթուղով։

Առաջվա պե՞ս էի ես Յանին սպասում։ Մի՞թե ես արդեն չէի հրաժարվել իմ ձեռնարկից և մի՞թե չէի շարունակում կանգնել նախկին տեղում միայն այն պատճառով, որ ես դեռ բարեհարմար պատրվակ չէի գտել, որպեսզի դրանից հրաժարվեմ։ Երկար սպասումը դաստիարակչական ազդեցություն է թողնում։ Սակայն հենց նա էլ կարող էր սպասողին դրդել ապագա հանդիպման տեսարանը նախօրոք նկարազարդել այնպիսի մանրամասներով, որ սպասող անձը կորցնի իր հայտնվելը որպես հաճելի անակնկալ մատուցելու հնարավորություն։ Եվ սակայն Յանը կարողացավ ինձ համար նման անակնկալ կազմակերպել։ Նրան առաջինը տեսնելու սնափառ հույսի իշխանության տակ, չնախապատրաստված հանդիպմանը և իմ թմբուկի մնացորդների վրա ողջունելուն՝ ես կանգնել էի պահակակետում՝ լարված դիրքով և փայտիկները պատրաստ բռնած։ Ես պատրաստվում էի առանց երկար խոսակցությունների թիթեղի միայն մեկ բարձրաձայն հարվածի և գոռոցի օգնությամբ արտահայտել իմ վիճակի ողջ անհուսությունը և ինձ ասում էի․ «Դե էլի հինգ տրամվայ, էլի երեք, էլի այս մեկը՝ վերջինը»։ Զանազան սարսափներ էի պատկերացնում, պատկերացնում էի, որ Բրոնսկիների ընտանիքին Յանի ցանկությամբ տեղափոխել են Մոդլին կամ Վարշավա։ Ես նրան տեսնում էի Բրոմբերգում կամ Տորնում՝ որպես գլխավոր քարտուղար, խախտելով բոլոր նախկին երդումներս՝ սպասեցի էլի մեկ տրամվայի և արդեն դեմքով շրջվել էի տան կողմը, երբ Օսկարին ետևից բռնեցին, և ինչ֊որ մեծահասակ փակեց նրա աչքերը։

Ես զգացի փափուկ, նրբաճաշակ օճառի բուրմունք արձակող տղամարդկային չոր ձեռքերի հպումը և զգացի Յան Բրոնսկուն։

Իսկ երբ նա բաց թողեց ինձ և անբնական բարձր ծիծաղով շուռ տվեց դեմքով դեպի իրեն, թմբուկի միջոցով իմ հուսալքված վիճակը պատկերելու համար արդեն ուշ էր։ Այդ իսկ պատճառով ես անմիջապես երկու փայտիկները մտցրեցի իմ կարճ, այդ ժամանակաշրջանում բոլորովին կեղտոտ ու գրպանների կողքը քրքրված, որովհետև այլևս ոչ ոք դրանց մասին չէր հոգում, շալվարիս քաթանի կտորի տակ։ Ձեռքերս ազատելով՝ ես վեր բարձրացրեցի խղճուկ թելից կախված իմ թմբուկը՝ կշտամբանքի աստիճան բարձր, ինչպես նորին բարեկրոնություն Վինկեն էր պատարագի ընթացքում բարձրացնում սրբազան փուշը։ Նրա պես ես կարող էի ասել․ «Սա մարմինն է իմ և արյունն է իմ», սակայն ոչ մի խոսք չարտաբերեցի, ես միայն դեպի բեր բարձրացրեցի բզկտված մետաղը, ընդ որում՝ ես ամենևին էլ արմատական, առավել ևս, հրաշքային վերափոխումներ չէի պահանջում, ես միայն պահանջում էի, որպեսզի վերանորոգեն իմ թմբուկը և ուրիշ ոչինչ։

Յանը անմիջապես ընդհատեց իր անտեղի, ինչպես ես կարողացա լսել, նյարդային լարված ծիծաղը։ Նա տեսավ այն, ինչը չտեսնելը ոչ մի կերպ հնարավոր չէր, նա տեսավ իմ թմբուկը, հայացքը հեռացրեց ծռմռված թիթեղից, փնտրեց գտավ իմ դեռևս ամբողջովին անկեղծ տեսք ունեցող երեքամյա աչքերը։ Սկզբում դրանց մեջ ոչինչ չկարողացավ տեսնել, բացի կրակներից՝ կրկնակի կրկնությունից ոչինչ չասող երկնագույնի, հողագույնի մեջ, բացի հայելային անդրադարձից, մի խոսքով, այն ամենից, ինչը վերագրում են մարդկային հայացքին, երբ խոսում են նրա արտահայտչականության մասին։ Իսկ հետո, երբ արդեն հնարավոր չէր չխոստովանել, որ իմ հայացքը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում առաջին հանդիպած ցեխաջրից, որը պատրաստականությամբ արտացոլում է ամենն ու ամենին, նա մի տեղ հավաքեց իր ողջ բարի կամքը՝ հիշողության խորքերում ամենամատչելին և ստիպեց իրեն իմ աչքերում տեսնել իմ մոր, չնայած և մոխրագույն, սակայն ճիշտ հենց այդպիսի կտրվածքով աչքերը, որոնք, ինչպես էլ չլինի, մի քանի տարի շարունակ նրա համար ընդհուպ կրքի հասնող բարեհաճ տրամադրվածություն էին արտացոլում։ Իսկ միգուցե Յանին ցնցեց իմ աչքերի մեջ իր սեփական անդրադարձը, ինչը ամենևին էլ չէր նշանակում, թե իբր Յանը իսկապես իմ հայրն է, ավելի ստույգ, իմ գոյության մեղավորը։ Քանզի նրա, մայրիկի, ինչպես և իմ սեփական աչքերը բարեկամացնում էր միևնույն պարզունակ թաքնված հիմարությամբ ճառագող գեղեցկությունը, որը կպչել էր գրեթե բոլոր Բրոնսկիներին՝ նաև Ստեֆանին, Մարգային՝ ավելի քիչ, դրա փոխարեն առավել՝ իմ տատիկին և նրա Վինցենտ եղբորը։ Ինձ, իմ ողջ սևաթերթերունք, երկնագույն աչքունքով հանդերձ, բնորոշ էր նաև կոլյայչեկյան հրաձիգային ոգին՝ հիշենք գոնե ձայնով ապակի կտրելը՝ իսկ ահա իմ դեմքի վրա հռենոսյան֊մացերատյան գծեր գտնելը մեծ դժվարությունների հետ էր կապված։

Անձամբ Յանը, որը չնայած շատ էր սիրում խույս տալ, եթե այն րոպեին, երբ ես բարձրացրեցի թմբուկը և գործի դրեցի իմ աչքերը, ինչ֊որ մեկը նրան շեշտակի հարց տար, ապա ստիպված կլիներ խոստովանել․ այո, դա նրա մայր Ագնեսն է նայում ինձ։ Իսկ, գուցեև, դա ես եմ ինձ նայում։ Եվ հենց դա էլ ավելի լավ է։

Յանը իմ վրայից հանեց թմբուկը, այն շուռումուռ տվեց, տկտկացրեց։ Յանը՝ այն ոչ գործունյան, որը նույնիսկ չէր կարող կարգին մատիտ սրել, ձև էր անում՝ իբր թմբուկի նորոգումից ինչ֊որ բան է հասկանում, նա ակնհայտորեն ինչ֊որ որոշում կայացրեց, ինչը նրա հետ հաճախ չէր պատահում։ Նա բռնեց իմ ձեռքը՝ դա անմիջապես աչքի զարնեց, որովհետև այստեղ առանձնապես շտապելու հարց չկար՝ ինձ հետ հատեց Ռինգշրասեն, ինձ հետ անցավ մինչև Հերեսանգեր տրամվայի կանգառի անվտանգության կղզյակը և, երբ տրամվայը մոտեցավ, մտավ հինգ համարի երթուղու առաջին վագոնը, որը ծխողների համար էր, մտավ և ինձ իր ետևից ներս քաշեց։

Օսկարը կանխազգում էր․ մենք քաղաք ենք գնում․ մինչև Հևելիուսապլաց, Լեհական փոստի շենքի մոտ, որտեղ պարետ է աշխատում Կոբիելան, որը գործիք ունի և օժտված է հմտությամբ, որոնց կարոտը Օսկարի թմբուկը մի քանի շաբաթ է ինչ քաշում է։

Տրամվայով այդ ուղևորությունը կարող էր վերափոխվել ոչնչով չմթագնված զվարճալի զբոսանքի, եթե միայն հինգերորդ երթուղու քաշող ու կցորդ վագոնները, որոնք զույգն էլ լեփ լեցուն էին բրյոզենյան ծովափի հոգնած, սակայն բավականաչափ աղմկոտ լողորդներով, հենց երեսունինը թվի սեպտեմբերի մեկի նախօրեին Մաքս֊Հալբե֊պլացից դեպի կենտրոն տանող ճանապարհին խլացուցիչ աղմուկ֊աղաղակ չբարձրացնեին։ Որքան սքանչելի երեկո մեզ կսպասեր թմբուկը տալուց հետո ամառվա վերջին Վայցեգի սրճարանում ծեղիկով լիմոնադ խմելիս, եթե հենց նավահանգստի մուտքի մոտ, հենց Վեստերպլատեի դիմաց խարիսխ գցած չլինեին երկու գծանավերը՝ «Սիլեզիան» ու «Շլեզվից֊Հոլշտեյնը», եթե նրանք կարմիր աղյուսե պատին, որից այն կողմ տեղակայված էին զենքի պահեստները, չցուցադրեին իրենց պողպատյա իրանները, իրենց կրկնակի շրջադարձային աշտարակներն ու ծանր հրետանին։ Ախ, ինչքան հրաշալի կլիներ սեղմել Լեհական փոստատան դռան զանգը և պարետ Կոբիելային վստահել անշառ, մանկական թմբուկը, եթե միայն փոստատունը ներսից, և այդպես էր արդեն որերորդ ամիսը շարունակ, շարված չլիներ պաշտպանական զրահի կտորներով։ եթե Գդինգենի և Օքսխյովթի մեկշաբաթյա հավաքներից հետո մինչև այժմ անշառ օպերատորները, չինովնիկները, փոստատարները չվերափոխվեին ամրոցի կայազորի։

Մենք մոտենում էինք Օլիվյան դարպասներին։ Յան Բրոնսկու վրայից քրտինք էր թափվում, նա ակնդետ նայում էր Հինդենբուրգալլեի երկայնքով շարված ծառերի փոշոտ տերևներին և ոսկե ծխափողով ավելի շատ սիգարետ էր ծխում, քան սովորաբար նրան թույլ էր տալիս խնայողությունը։ Օսկարը դեռ երբեք չէր տեսել, որ իր ենթադրյալ հայրը այդպես քրտներ, եթե չհաշվենք այն երկու֊երեք դեպքերը, երբ նա դիտում էր մայրիկի ու նրա թղթի վրայի իրարանցումը։

Սակայն խեղճ մայրիկս արդեն վաղուց պառկած էր գերեզմանոցում։ Ուրեմն, ինչու էր Յան Բրոնսկին քրտնում։ Եվ միայն այն ժամանակ, երբ ես այլևս չէի կարող չնկատել, թե ինչպես է յուրաքանչյուր կանգառից առաջ Յանի մոտ իջնելու անհաղթահարելի ցանկություն առաջանում, այն ակնթարթին, երբ նա արդեն պատրաստ է լքել վագոնը, նա հանկարծ հիշում է, որ ես իր հետ եմ գնում, որ ես ու իմ թմբուկը ստիպում ենք նրան կրկին տեղ զբաղեցնել, միայն այդ ամնեից հետո ինձ համար պարզ դարձավ, որ նա քրտինքի մեջ կորել է Լեհական փոստատան պատճառով, որն ինքը, որպես պետական ծառայող, ըստ տրամաբանության պետք է պաշտպանի։

Չէ՞ որ նա արդեն մեկ անգամ փախավ, հետո ինձ ու իմ հաշմանդամ թմբուկը հայտնաբերեց Ռինգշտրասեի ու Խերեսանգերի անկյունում, որոշեց վերադառնալ, կատարել իր ծառայողական պարտքը և, չնայած ես ծառայող չէի ու փոստատունը պաշտպանելու համար ոչ պիտանի, ինձ քարշ տվեց իր ետևից ու քրտնեց և ճանապարհին անընդհատ ծխեց։ Ինչո՞ւ նա, այնուամենայնիվ, չփորձեց դուրս գալ տրամվայից։ Չէ՞ որ ես նրան չէի խանգարի։ Նա ուժերի ծաղկման շրջանն ապրող տղամարդ էր, դեռ քառասունհիգ տարեկան չկար, և նրա աչքերը երկնագույն էին, մազերը շեկ, և դողացող ձեռքերը՝ բավականին խնամված, և եթե նա այդքան ամոթալի սառը քրտինքի մեջ չկորեր, ապա, իր ենթադրյալ հոր կողքին նստած, Օսկարը ոչ թե քրտինքի, այլ օծանելիքի հոտը կշնչեր։

Մենք իջանք անտառափայտի շուկայի մոտ և ոտքով ճամփա ընկանք Գրեբեն փողոցով, որը Հին քաղաքում է։ Ամառվա վերջի խաղաղ երեկո էր։ Հին քաղաքի զանգերը, ինչպես և միշտ, ժամը ութին մոտ երկինքը ողողում էին բրոնզով։ Իրար ետևից խփվող զանգերի պատճառով ամպերի նման վեր էին բարձրանում աղավնիները։ «Մինչև գերեզմանի սառնությունը եղիր ազնիվ ու հավատարիմ»։ Դա գեղեցիկ էր հնչում, և ստիպում էր արտասվել։ Սակայն շուրջբոլորը ծիծաղում էին։ Կանայք արևաթուխ երեխաների հետ, լողափի փափկամազ խալաթներով, լողափի խայտաբղետ գնդակներով ու նավակներով դուրս էին գալիս տրամվայի վագոններից, որոնք Գլեկտաուի և Հոյբուդի լողափերից բերում էին նոր լողացած հազարավոր մարդկանց։ Դեռևս քնկոտ աչքերով երիտասարդ աղջիկներ լեզուներով ազնվամորու պաղպաղակ էին արագ֊արագ լպստում։ Մի տասնհինգամայա աղջիկ վայր գցեց վաֆլին, ցանկացավ կռանալ ու կրկին բարձրացնել համեղ կտորը, սակայն վարանեց, և հալվող անուշեղենը թողեց սալարկին ու ապագա հետիոտների կրունկների տակ, ահա ուր որ է նա մեծահասակ կդառնա և այլևս հենց փողոցի մեջտեղում պաղպաղակ չի լպստի։

Շնայդեմյուլենգասեից մենք թեքվեցինք ձախ։ Հեվելիուսպլացը, որին էր միանում այդ փողոցը, փակված էր տեղական, էսէսական աշխարհազորի մարդկանց խմբերի կողմից, երիտասարդ տղաներն ու ընտանիքների հարգարժան հայրերը թևակապներով ու ոստիկանական կարաբիններով էին։ Ավելի հեշտ կլիներ այս արգելքը շրջանցել զարտուղի ճանապարհով և Ռեմի կողմից հասնել փոստատան շենքին։ Սակայն Յան Բրոնսկին շարժվեց ուղիղ դեպի այն։ Նրա մտադրությունը կասկածներ չէր հարուցում․ նա ցանկանում էր, որպեսզի իրեն կանգնեցնեն իր ղեկավարների աչքի առաջ, որոնք, իհարկե, փոստի շենքից նայում էին, թե ինչ է տեղի ունենում Հեվելիուսպլացի վրա, կանգնեցնեն ու ետ ուղարկեն, և այն ժամանակ ինքը, որպես մերժված հերոս, կարող էր միանգամայն արժանապատիվ տեսքով, այն նույն հինգ համարի տրամվայով, որը նրան բերեց այստեղ, վերադառնալ տուն։ Սակայն աշխարհազորայինները մեզ հանգիստ ճանապարհ տվեցին, նրանք, հավանաբար, նույնիսկ չէին կասկածում, որ այս լավ հագնված պարոնը, որը ձեռքից բռնած տանում է երեքամյա տղային, մտադիր է փոստատան շենք ներթափանցել։ Նրանք միայն քաղաքավարի տոնով մեզ խորհուրդ տվեցին զգույշ լինել, իսկ «կանգնի՛ր» գոռացին միայն այն ժամանակ, երբ մենք արդեն անցել էինք ճաղապատ ճակատային մուտքը և կանգնել գլխավոր մուտքի դիմաց։ Յանը անվստահորեն շրջվեց, սակայն ծանր դուռը անմիջապես թեթևակի բացվեց և մեզ ետ քաշեցին ներս։ Մենք հայտնվեցինք Լեհական փոստատան գործառների կիսամութ, սառը դահլիճում։

Չի կարելի ասել, թե գործընկերները Յանին գրկները լայն բաց արած ընդունեցին։ Նրանք նրան չէին վստահում, նրանք արդեն նրա վրա ձեռքները թափ էին տվել և առանց այլևայլության հայտնեցին նրան, որ իրենք կասկածում էին, թե իբր նա, քարտուղար Բրոնսկին, ուղղակի ուզում էր ծլկել։ Յանից մեծ ջանք պահանջվեց, որպեսզի այդ կշտամբանքները կանխակալի։ Սակայն ոչ ոք նրան առանձնապես լսել չցանկացավ, նրան ուղղակի կալեցին շղթայի մեջ, որը, չգիտես թե ինչու, ավազով լցված պարկերը նկուղից տեղափոխում էր գործառների դահլիճի պատուհանների մոտ։ Նրանք այդ պարկերը և դրանց նման հիմարությունները շարում էին պատուհանների դիմաց, իսկ ծանր կահույքը, օրինակ գրասենյակային պահարանները, մոտ էին շարժում կենտրոնական շքամուտքին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավորություն լիներ կարճ ժամանակում բարիկադավորել գլխավոր մուտքը։

Մի մարդ ցանկացավ իմանալ, թե ով եմ ես, սակայն Յանի պատասխանին սպասելու ժամանակ չուներ։ Մարդիկ նյարդայնանում էին, մեկ չափից դուրս բարձր խոսում, մեկ, անհրաժեշտ զգուշություն ցուցաբերելով, հազիվ լսելի։ Ակնհայտորեն մոռացել էին թե՛ իմ և թե՛ նրա կարիքների մասին։ Պարետ Կոբիելան, որի հետ ես այդքան հույսեր էի կապել, և որը պետք է իմ փորից կախված հաշմանդամ թմբուկին վերադարձներ իր արժանավայել տեսքը, ընդհանրապես չերևաց, հավանաբար փոստատան երկրորդ կամ երրորդ հարկում նա փոստատարների այն նույն ջղաձիգ շտապողականությամբ իրար վրա էր շարում ավազով լցված պարկերը, որոնք, ըստ մտահղացման, կարող էին գնդակներից պաշտպանել։ Օսկարի ներկայությունը Յանին ճնշում էր։ Այդ իսկ պատճառով, հենց որ այն մարդը, որին բոլորը բժիշկ Միխոն էին անվանում, սկսեց Յանին ցուցումներ տալ, ես, ժամանակ չկորցնելով, տեսադաշտից անհետացա։ Կարճատև որոնումներից հետո, փութաջանորեն խուսափելով հանդիպումներից պարոն Միխոնի հետ, որը գլխին լեհական պողպատե սաղավարտ էր կրում և ակնհայտորեն փոստատան տնօրենն էր, ես գտա այն աստիճանը, որը տանում էր երկրորդ հարկ, իսկ այնտեղ, գրեթե միջանցքի վերջում՝ առանց պատուհանների միջին չափերի սենյակ, որտեղ չկային ո՛չ արկղերով ռազմամթերք տեղափոխող տղամարդիկ, ո՛չ էլ ավազով լի պարկեր։

Դրա փոխարեն այնտեղ ամենուր իրար կիպ կպած ծրարների նամականիշներով լեփ լեցուն անիվների վրա դրված հյուսկեն արկղեր էին։ Սենյակը ցածր էր, պաստառները դեղնավուն։ Սոսնձի թեթև հոտ էր գալիս։ Վառվում էր մերկ, առանց լուսամփոփի լամպը։ Օսկարը չափից դուրս հոգնած էր, որպեսզի գտներ անջատիչը։ Ինչ֊որ տեղ՝ հեռվից զանգանվագում էին Սուրբ Մարիամի, Սուրբ Կատերինայի, սուրբ Հովհաննեսի, Սուրբ Բրիգիտի, Սուրբ Բարբարայի, երրորդության և Սուրբ Մարմնի զանգերը․ արդեն ժամը ինն է, Օսկար, արդեն ինն է, քո քնելու ժամանակն է։ Եվ այդ ժամանակ ես պառկեցի նամակների համար նախատեսված արկղերից մեկի մեջ, կողքիս պառկեցրի ինձ պես հոգնած թմբուկը և քնեցի։


Լեհական փոստատուն

Ես քնեցի սպիտակեղենի կողովի մեջ, որը լցված էր այն նամակներով, որոնք ցանկանում էին հասնել Լոգ, Լյուբլին, Լվով, Տորն, Կրակով ու Չենստոհաու, որոնք ժամանել էին Լոգից, Լյուբլինից, Լեմբերգից, Տորնից, Կրակովից ու Չենստահաուից։ Սակայն երազումս ես չէի տեսնում ո՛չ հայրենի քաղաքները, ո՛չ սև Մադոննային, չէի ծամում ո՛չ Կրակովում պահվող մարշալ Պիլսուդսկու սիրտը և ո՛չ էլ այն անուշահացերը, որոնք Տորն քաղաքը դարձրին հռչակավոր։ Երազումս ես չտեսա նույնիսկ իմ՝ մինչ օրս չվերանորոգված թմբուկը։ Առանց երազների, հանգչելով կողովի միջի նամակների վրա, Օսկարը չէր լսում ոչինչ այն շշնջոցից, ֆշֆշոցից, բլբլոցից, այն անպարկեշտ խոստովանություններից, որոնք իբր լսելի են դառնում, երբ մեծ թվով նամակներ դրված են լինում կույտով։ Անձամբ ինձ նամակները չասացին ոչ մի բառ, ես երբեք նամակների չեմ սպասել, ինձ ոչ ոք չէր կարող հասցեատիրոջ տեղ ընդունել, առավել ևս՝ ուղարկող։ Լիովին ինքնաբավարարված՝ ես ներս քաշեցի ալեհավաքը և մոռացության քնին մատնվեցի՝ ի դժբախտություն փոստատան, որը նորությունների իր գերհագեցվածությամբ ինձ համար կարող էր նշանակել ողջ աշխարհը։

Եվ միանգամայն հասկանալի է, որ ինձ արթնացրեց ոչ այն նամակը, որը Վարշավայից ոմն Լեխ Միլևչիկ ուղարկել էր Դանցիգ֊Շիդլիցի իր բարեկամուհուն, կարճ ասած՝ ոչ նամակը, որը բավականաչափ անհանգստացնող էր, որպեսզի քնից հաներ նույնիսկ հազարամյա կրիային։ Ո՛չ, ինձ արթնացրեց ոչ այն է մոտակա գնդացրային կրակը, ոչ այն է՝ Ազատ նավահանգստում խարսխված գծանավերի հրետանային աշտարակների հեռավոր կրկնակի համազարկի որոտը։

Իհարկե, հեշտ է գրել՝ գնդացիրներ, հրետանային աշտարակներ։ Իսկ արդյոք նույն հաջողությամբ դա չէ՞ր կարող լինել անսպասելի անձրևը, կարկուտը, ուշացած ամպրորի բռնկումը՝ նման նրան, որը եղավ իմ ծննդյան օրը։ Ես չափից դուրս քնաթաթախ էի, նման դատողություններին անընդունակ և այդ իսկ պատճառով, դեռ ականջներիս մեջ այդ ձայները պահպանելով, ճիշտ հետևություն արեցի և, ինչպես նոր արթնացած մարդիկ, ճիշտ սահմանեցի իրավիճակը․ «Իսկ այժմ նրանք կրակում են»։

Սպիտակեղենի կողովի միջից հենց նոր դուրս եկած, դեռ սանդալներ հագած ոտքերի վրա վստահ չկանգնած՝ Օսկարը հոգ տարավ իր զգացմունքային թմբուկի բարօրության մասին։ Այն կողովի մեջ, որը նախկինում պահպանում էր նրա քունը, նա երկու ձեռքերով փոս բացեց, չնայած որ շարժուն, սակայն դարսերով շարված նամակների մեջ նա փորում էր ոչ թե անխնա, պատռելով, ճմռթելով և կամ վերջնականապես նամականիշները պոկելով, ոչ, նա ծայրահեղ զգուշաությամբ բաժանում էր իրար կպած ծրարները, հոգ էր տանում յուրաքանչյուր մեծ մասամբ մանուշակագույն դրոշմակով կնքված «Լեհական փոստ»֊ով մատակարարված նամակի մասին։ Նույնիսկ բացիկների մասին էր հոգ տանում, հետևում, որպեսզի ոչ մի նամակ չբացվի, քանզի նույնիսկ անխուսափելի, անընդհատ փոփոխվող իրադարձությունների լույսի ներքո նամակագրության գաղտնիությունը անհրաժեշտ էր սրբորեն պահպանել։

Նույն չափով, որչափ հզորանում էր գնդացիրի կրակը, լայնանում էր նաև փոստային նամակներով լի զամբյուղի խառնարանը։ Ի վերջո, արդյունքներով բավարարվելով, ես իմ մահացու հիվանդացած թմբուկը պառկեցրի թարմ պատրաստած անկողնու մեջ, հուսալիորեն ծածկեցի նրան ոչ թե եռապատիկ, այլ տասնապատիկ, կարող է նույնիսկ քսանապատիկ անգամ։ Ծրարները միացնելով այնպես, ինչպես որմնադիրը շարում է աղյուսները, երբ պետք է հատկապես դիմացկուն պատ շարել։

Սակայն նոր էի ես իրականացրել իմ մտադրությունը, որը, իմ կարծիքով, կարող էր պաշտպանել իմ թիթեղը գնդակներից ու բեկորներից, երբ փոստատան ճակատային մասում, որը դուրս էր գալիս Հևելիուսպլաց, մոտավորապես գործառնությունների դահլիճի բարձրության վրա պայթեց հակատանկային ռումբը։

Լեհական փոստատան՝ աղյուսե վիթխարի կառույցի համար չկար ցանկացած քանակի նման պայթյունների դիմանալ֊չդիմանալու վտանգը, կար սակայն այն վտանգը, որ աշխարհազորայիններին կհաջողվեր հեշտությամբ բավարար չափսերի ճեղքվածք բացել բազմապատիկ անգամ գործածված ճակատային գրոհի համար։

Ես լքեցի նամակների պահպանման համար երկրորդ հարկի իմ հուսալի, պատուհաններից զուրկ, բոլոր կողմերից միջանցքով և երեք ծառայողական աշխատասենյակներով փակված ապաստարանը, որպեսզի փնտրեմ Յան Բրոնսկուն։ Սակայն փնտրելով իմ ենթադրյալ հորը, դրանով իսկ էլ ավելի մեծ եռանդով փնտրում էի կաղ պարետ Կոբիելային։

Նախորդ օրը, հրաժարվելով ընթրիքից, չէ՞ որ ես հենց դրանից հետո տրամվայով հասա մինչև Հևելիուսպլաց և ներս մտա մինչ այդ ժամանակ ինձ ամենևին չհետաքրքրած փոստատան շենքը, որպեսզի վերանորոգման հանձնեմ թմբուկը։ Հետևաբար, եթե ես ժամանակին չկարողանամ փնտրել ու գտնել պարետին, այլ խոսքերով ասած՝ մինչ առավել քան անխուսափելի հարձակման սկիզբը, ապա իմ տկարացած թմբուկի մանրակրկիտ վերանորոգման մասին պետք էլ չէ մտածել։

Այսպիսով Օսկարը փնտրում էր Յանին, սակայն նկատի ուներ Կոբիելային։ Նա, ձեռքերը կրծքին խաչած, քայլերով չափում էր երկար, սալիկապատ միջանցքը, սակայն այդ քայլերը իրականացվում էին լիակատար միայնակության մեջ։ Ճիշտ է, նա ձայնից տարբերում էր հազվադեպ, հաստատապես փոստատան ներսից հնչող կրակոցները ռազմամթերքի այն մսխիչ կորուստից, որին տրվում էին աշխարհազորայինները, սակայն, երևում է, աշխատասենյակների խնայող հրաձիգները ստիպված են եղել փոստային կնիքները փոխարինել ամենևին այլ գործիքներով, որոնք, սակայն, նույնպես կարող էին կնիքներ դնել։ Միջանցքում ո՛չ կանգնած, ո՛չ պառկած, ո՛չ պատրաստ վիճակում գտնվող պիտանի ոչինչ չկար՝ հնարավոր հակահարվածի համար։ Միջանցքում միայն Օսկարն էր հերթապահություն անում՝ անզեն, թմբուկից զրկված, չափից դուս վաղ առավոտվա ճակատագրական նախերգանքի մեջ ընկած, որը դրան ավելացրած նվեր էր տալիս ոչ թե ոսկով, այլ արճիճով։

Բակ դուրս եկող աշխատանքային սենյակներում ևս ես ոչ մեկին չհայտնաբերեցի։ Ինչպիսի՜ թեթևամտություն, նկատեցի ես։ Չէ՞ որ պետք էր շենքը Շնայդեմյուլենգասեի կողմից վտանգազերծել։ Այնտեղ գտնվող ոստիկանական բաժինը, որը փոստատան բակից և ծանրոցների համար թևքամուտքից բաժանված էր ընդամենը խղճուկ տախտակե ցանկապատով, հարձակման համար այնպիսի ընտիր հնարավորություններ էր ընձեռում, որպիսիք կարելի է հանդիպել թերևս միայն նկարազարդ ձեռնարկներում։ Ես հետախուզեցի ողջ տարածքը՝ պատվերով առաքումների համար, փողային փոխանցումների համար, դրամարկղը, հեռագրային բաժանմունքը․ հենց այստեղ էլ պառկած էին։ Պառկած էին երկաթյա սալիկների ետևում, ավազով լցված պարկերի ետևում, շուռ տված կահույքի ետևում՝ անվստահ, գրեթե ժլատությամբ կրակելով։ Սենյակներից մեծ մասի պատուհանները արդեն ծանոթություն էին հաստատել աշխարհազորի գնդացիրների հետ, որոնք ցաքուցրիվ էին լինում իմ ձայնի մաքուր հնչյունների ազդեցության տակ։ Եվ եթե այժմ ինձանից պահանջեին, որպեսզի ես իմ ներդրումը անեի Լեհական փոստատան պահպանման գործում, եթե, օրինակի համար, փոքրիկ, շարժուն դոկտոր Միխոնը արդեն ոչ թե որպես սովորական փոստային, այլ որպես փոստատան ռազմական տնօրեն մոտենար ինձ, որպեսզի ինձ իր պաշտպանության տակ վերցնելով՝ միաժամանակ վերցներ նաև Լեհաստանին ծառայության, ես իմ ձայնը նրան չէի մերժի։ Հանուն Լեհաստանի և անզուսպ գույնով ծակող լեհական տնտեսության՝ ես մեծագույն հաճույքով մի քանի րոպեի ընթացքում Հելիուսպլացի հակադիր կողմի տների պատուհանները, Ռեմի վրայի ապակիները, Շնայնդեմյուլենգասեի ապակե սենեկաշարքը՝ ներառյալ ոստիկանական բաժինը կվերածեի սև, միջանցիկ քամու համար բաց անցքերի։ Ավելի քան երբևէ նախկինում, կլայնացնեի գործողության շառավիղը՝ կվերացնեի Գրեմբենի երկայնքով Հին քաղաքի և Ռիտերգասեի վրայի ցուցափեղկերի փայլուն ապակիները։ Դա աշխարհազորի շարքերում և աչքերը չռած նայող քաղաքացիների շրջանում առաջ կբերեր իրարանցում։ Իր ազդեցությամբ դա կարող էր փոխարինել բազմաթիվ ծանր գնդացիրների, դա կստիպեր արդեն պատերազմի սկզբից հաստատապես համոզվել հրաշալի զենքի առկայության մեջ, սակայն դա, միևնույն է, չէր փրկի Լեհական փոստատունը։

Սակայն ոչ ոք Օսկարին կոչ չարեց։ Տնօրենի իր գլխին լեհական սաղավարտ դրած հենց այդ դոկտոր Միխոնը ինձ չպաշտպանեց։ Նույնիսկ հակառակը, երբ ես, աստիճաններով ներքև՝ դեպի գործառնությունների դահլիճ շտապելով արագ անցա նրա ոտքերի արանքով, նա ինձ շատ ցավոտ ապտակ ծեփեց, որպեսզի դրանից անմիջապես հետո, բարձրաձայն լեհերեն հայհոյանքներ տալով, կրկին անդրադառնա պաշտպանական խնդիրներին։ Ապտակին դիմանալուց բացի՝ ինձ ոչ մի այլ բան չէր մնում։ Մարդիկ, և նրանց մեջ նաև դակտոր Միխոնը, որն ինքն էր վերջ ի վերջո ամեն ինչի պատասխանատուն, գրգռված էին, վախենում էին և այդ իսկ պատճառով՝ ներողամտության արժանի։

Գործառնությունների դահլիճի ժամացույցը ինձ զեկուցեց, որ արդեն չորսն անց է քսան։ Իսկ երբ սլաքը քսանմեկ րոպե ցույց տվեց, ես կարող էի համոզվել, որ առաջին ռազմական գործողությունները ժամացույցի մեխանիզմին վնաս չեն հասցրել։ Ժամացույցը շարունակում էր ընթանալ, և ես չէի հասկանում, թե ինչպես ընկալեմ ժամացույցի այդ անհողդողությունը՝ որպես բարի նշա՞ն, թե՞ որպես վատ։

Սակայն որպես սկիզբ, ես գործառնությունների դահլիճում քիչ դանդաղեցի, այնտեղ փնտրեցի Յանին ու Կոբիելային, այդ ընթացքում դոկտոր Միխոնի հետ հանդիպումներից խուսափելով՝ չգտա ո՛չ մորեղբորս, ո՛չ պարետին, երևան հանեցի, որ նախասրահի ապակիները այնուամենայնիվ տուժել են։ Շքամուտքի կողքի սվաղի մեջ հայտնաբերեցի նաև այլանդակ անցքեր ու ճաքեր և ականատեսը դարձա այն բանի, թե ինչպես ներս բերեցին առաջին երկու վիրավորներին։ Նրանցից մեկը՝ մի տարիքով պարոն, դեռևս իր ճերմակած մազերի միջնամասի խնամքով սանրվածքով, մինչ վիրակապը դնում էին նրա աջ ուսին, որը վնասվել էր շոշափողով, խոսում էր անընդհատ ու հուզված։ Դեռ նոր էին նրա ոչ չափազանց լուրջ վերքը փաթաթել սպիտակով, երբ նա արդեն փորձեց վեր թռչել, վերցնել իր հրացանը և կրկին դիրքավորվել ավազով լցված պարկերի ետևում, որոնք ստացվում է, որ այնքան էլ հուսալի չէին պաշտպանում գնդակներից։ Բարեբախտաբար թուլության թեթև նոպան, որն առաջացել էր արյան մեծ քանակության կորստից, ստիպեց նրան կրկին պառկել և հարկադրեց այն հանգստին, առանց որի ծեր մարդը չի կարող վնասվածք ստանալուց հետո անմիջապես ուշքի գալ։ Դրան ավելացրած մոտ հիսուն տարեկան փոքրիկ, նյարդային պարոնը, չնայած որ գլխին պողպատյա սաղավարտ էր կրում, սակայն կրծքի վրայի գրպանից շարունակ դուրս էր նայում ջենթլմենական թաշկինակի անկյունը, մի խոսքով, ծառայողներից սերված ասպետի նրբաճաշակ շարժուձևով այդ պարոնը, որը դոկտորի աստիճան ուներ և կրում էր Միխոն անունը, Լեհաստանի անունից ծեր, վիրավոր պարոնին հրամայեց չշարժվել։

Երկրորդ վիրավորը, ծանր շնչելով, պառկած էր ծղոտե ներքնակի վրա և ավազե պարկերի ետևում կրկին դիրքավորվելու ցանկության նույնիսկ փոքրագույն նշաններ չէր ցուցադրում։ Հավասարաչափ ժամանակահատվածների ընդմիջումներից հետո նա բարձր և առանց քաշվելու գոռում էր, որովհետև վիրավորվել էր փորից։ Օսկարը հենց նոր էր պատրաստվում ևս մեկ անգամ տեսչական ստուգում անցկացնել պարկերի ետևի տղամարդկանց շղթայում, որպեսզի վերջիվերջո գտներ նրանց, ում ինքը փնտրում էր, երբ գլխավոր շքամուտքի վերևում և նրա կողքին երկու արկերի միաժամանակյա պայթյունները ստիպեցին, որպեսզի գործառնությունների ողջ դահլիճը դռդռա։ Դռների կողմը տեղափոխված պահարանների փեղկերը բացվեվին և ազատ արձակեցին քուղակապ արված թղթապանակների ամբողջական տրցակներ, որոնք իսկապես էլ, կորցնելով իրենց խիստ դասակարգվածությունը, թռան օդ, որպեսզի քարե սալիկների վրա ընկնելով ու սահելով՝ դիպչեն այն թղթերին, որոնցով հաշվապահական հաշվառման դասակարգված գործառության ժամանակ նրանց դիպչել ամենևին էլ պետք չէր։ Անհրաժեշտություն չկա ասելու, որ մնացած պատուհանները ևս կոտրվեցին, որ ծեփերի մեծ ու փոքր կտորները ցած էին թափվում պատուհաններից ու առաստաղից։ Գիպսի ու կավճի ամպերի միջով քարշ տալով՝ դահլիճի կենտրոն բերեցին ևս մեկ վիրավորի, սակայն հետո դոկտոր Միխոնի պողպատյա սաղավարտի հրամանով տարան աստիճաններով վեր, դեպի երկրորդ հարկ։

Օսկարը գնաց տանողների ու վիրավորի ետևից, որն ամեն աստիճանի վրա տնքում էր, և ոչ ոք նրան ոչ մի բանի մասին չհարցրեց, և ոչ ոք նրան ետ դառնալ չկարգադրեց, և առավել ևս ոչ ոք անհրաժեշտ չհամարեց, ինչպես քիչ առաջ Միխոնը, տղամարդու կոպիտ ձեռքով նրան ապտակ հասցնել։ Չնայած որ նա ինքն էլ բոլոր ջանքերը գործադրում էր, որպեսզի փոստատան մեծահասակ պաշտպաններից որևիցե մեկի ոտքերի տակով չանցնի։

Իսկ այն ժամանակ, երբ ես աստիճանները դանդաղ հաղթահարող տղամարդկանց ետևից բարձրացա երկրորդ հարկ, իմ վատ կանխատեսումները արդարացան․ հիվանդին տարան հենց այն պատուհաններից զուրկ, և այդ իսկ պատճառով, հուսալի առաքումների պահեստասենյակը, որը ես, ճիշտն ասած, համարում էի իմը։ Ավելին, քանի որ բոլորի համար ներքնակները չէին բավականացնում, որոշվեց, որ նամակների համար նախատեսված արկղերի մեջ, չնայած որ կարճ, սակայն բավականաչափ փափուկ փռոցաշերտ կա։ Ես փոշմանեցի, որ իմ թմբուկը տեղավորել էի նմանապես չառաքված փոստով լի շարժակամ արկղերից մեկի մեջ։ Իսկ հանկա՞րծ ու նամակատարների պայուսակների անցքերի միջից արյունը տասը կամ քսան շերտ թղթի արանքներով դուրս հոսի և իմ թմբուկին տա այն գույնը, որը մինչև հիմա ճանաչում էր միայն որպես լաքով պատված ներկ։ Ի՞նչ ընդհանուր բան կա իմ թմբուկի ու լեհական արյան միջև։ Ավելի լավ է, թող այդ հյութով ներկեն իրենց թղթերն ու ծծանները։ Ավելի լավ է, թող իրենց թանաքամանների միջից դուրս թափեն թանաքագույնը և ներկը լցնեն այնտեղ։ Ավելի լավ է, թող կարմիրով պատեն իրենց թաշկինակների լեհական մասը, իրենց օսլայված սպիտակ վերնաշապիկները։ Չէ՞ որ խոսքը վերջ ի վերջո, ոչ թե իմ թմբուկի, այլ Լեհաստանի մասին է։ Եվ եթե նրանց համար իսկապես այդքան կարևոր է, որ Լեհաստանը, որը կործանվում է, դա առնվազն անի սպիտակակարմիր գույնով, ապա մի՞թե իմ թմբուկը, որն իր թարմ գունավորման պատճառով շատ կասկածելի տեսք ունի, նույնպես պետք է կործանվի նրա հետ։

Իմ մեջ դանդաղ միտք էր առաջանում, խոսքը ամենևին էլ Լեհաստանի մասին չէ, խոսքը իմ ծռմռված թիթեղի մասին է։ Յանը խաբեությամբ ինձ բերեց փոստատուն, որպեսզի այն աշխատակիցներին, որոնց համար «Լեհաստան» բառը չէր վառում հոգում հայրենասիրության կրակը, ես մի կայծ հաղորդեմ։ Գիշերը, մինչ ես նամակների հետ քնել էի անիվների վրա դրված արկղի մեջ, սակայն անիվների վրա սահելը չէի սահում և երազներ նույնպես չէի տեսնում, հերթապահող ծառայողները միմյանց կարծես նշանաբան էին շշնջում․ մահացող մանկական թմբուկը մեզ մոտ ապաստարան խնդրեց։ Մենք՝ դա Լեհաստանն է, մենք պարտավոր ենք նրան պաշտպանել, նամանավանդ որ Անգլիան ու Ֆրանսիան մեզ հետ փոխօգնության պայմանագիր են կնքել։

Մինչ նամակների պահեստարանի բաց դռան դիմաց այդ վերացական մտորումները սահմանափակում էին իմ գործողությունների ազատությունը, առաջին անգամ գնդացիրը ձայն տվեց բակի կողմից։ Ինչպես որ ես կանխագուշակեցի, էսէսական աշխատողը իր առաջին գրոհը նախաձեռնեց ոստիկանական բաժնի կողմից՝ Շնեյդեմյուլենգասեից։ Դրանից քիչ անց մեր բոլորի ոտքերը գետնից կտրվեցին, աշխատողներին հաջողվեց պայթեցնել փոստատան մեքենաների համար նախատեսված կայանատեղի ծածկի տակի ծանրոցների պահեստարանի դուռը, որը տանում էր գործառուների սրահ, կրնկի վրա բացված էր։

Մարդիկ, ովքեր վերև բարձրացրեցին վիրավորներին և պառկեցրեցին նույն արկղի մեջ, որտեղ թաքնված էր իմ թմբուկը, սկսեցին փախչել, նրանց ետևից՝ մյուսները։ Ձայներից դատելով՝ պայքարը արդեն գնում էր ներքևի հարկի միջանցքում, այնուհետև ծանրոցների ընդունման բաժնում։ Աշխարհազորայինները ստիպված եղան նահանջել։

Սկզբում անվճռական, հետո ավելի ու ավելի նպատակասլաց Օսկարը ներս մտավ նամակների պահեստարան։ Վիրավորի դեմքը դարձել էր դեղնամոխրագույն, նա կրճտացնում էր իր ատամները և փակած կոպերի տակ պտտում էր աչքերը։ Նաև թքում էր, և նրա քթի մեջ կարմիր միջներակներ կային։ Սակայն քանի որ նրա գլուխը դուրս էր կախվել կողովի եզրից, կարելի էր չանհանգստանալ, որ նա բծեր կգցի փոստային առաքումների վրա։ Օսկարը ստիպված եղավ կանգնել ոտքերի ծայրերի վրա, որպեսզի ձեռքը մտցնի կողովի մեջ։ Վիրավորի հետույքը ընկած էր ճիշտ այն տեղում, որտեղ թաղված էր թմբուկը։ Եվ Օսկարը կարողացավ նախ զգուշությամբ խնայելով վիրավորին ու նամակները, հետո ավելի ուժեղ քաշելով, հետո, վերջապես, պատռելով, տնքացողի տակից դուրս պոկել բազմաթիվ, տասնյակ ծրարներ։

Այսօր ես պատրաստ եմ հաստատելու, իբր արդեն շոշափել էի իմ թմբուկը, սակայն այդ պահին մարդիկ աստիճանների վրայով դոփելով բարձրացան վերև։ Նրանք վերադարձան, նրանք վռնդեցին աշխարհազորայիններին ծանրոցների պահեստից․ առայժմ նրանք էին հաղթողները, և ես լսում էի նրանց ծիծաղը։ Նամակներով լցված կողովներից մեկի ետևում թաքնվելով՝ ես դռնից ոչ հեռու սպասում էի, մինչ նրանք կանգնած էին վիրավորի կողքին։ Սկզբում բարձր խոսելով ու ձեռքերը թափ տալով, այնուհետև կամացուկ հայհոյելով, նրանք վիրակապում էին նրան։

Գործառնությունների դահլիճի մակարդակի վրա պայթեցին երկու հակատանկային արկեր, հետո ևս մեկը, այնուհետև՝ լռություն։ Վեստետպլատեի դիմաց, Ազատ նավահանգստում խարսխված գծանավերի համազարկերը բարեհոգի֊փնթփնթան թնդում էին և հավասարաչափ ու քիչ֊քիչ դառնում սովորական։

Այդպես էլ չընկնելով նրանց աչքերին, ովքեր հիվանդի շուրջը իրար էին անցել, ես նամակների պահեստարանից սահեցի դուրս, ես բախտի քմահաճույքին թողեցի իմ թմբուկը և կրկին իջա ներքև՝ Յանին՝ իմ ենթադրյալ հորը և մորեղբորը, ինչպես նաև Կոբիելյային՝ շենքի պարետին փնտրելու։

Երրորդ հարկում տեղակայված և փոստատան Նաչալնիկ ազգանունով ավագ քարտուղարի ծառայողական բնակարանը, որը ժամանակին ընտանիքին ուղարկել էր ոչ այն է Բլոմբեր, ոչ այն է Վարշավա։ Որպես սկիզբ, ես հետազոտեցի բակ դուրս եկող պահեստային կառույցները, այնուհետև Նաչալնիկի ծառայողական բնակարանի մանկական սենյակում հայտնաբերեցի Յանին ու Կոբիելյային։

Լուսավոր սրտաբաց սենյակ, միայն պաստառներ՝ ցավոք, մի քանի տեղերում կույր գնդակներով վնասված։ Խաղաղ ժամանակներում կարելի էր կանգնել երկու պատուհանագոգերից ցանկացածի վրա և հաճույքով դիտահայել Հևելիուսպլացը։

Ամբողջովին սարքին վիճակում էին ձի֊ճոճաթոռը, ամենատարբեր գնդակները, ասպետական ամրոցը, որը լի էր տապալված անագե զինվորիկներով, բազմաթիվ շատ թե քիչ վնասված տիկնիկներ, տիկնիկիային տնակներ, որոնցում վայրի անկարգություն էր տիրում։ Մի խոսքով, խաղալիքների աննկարագրելի առատություն, որը թույլ էր տալիս հասկանալ, որ քարտուղար Նաչալնիկը, ամենայն ակներևությամբ, բավականին երես տված երեխաների՝ տղայի ու աղջկա հայր է։ Որքան լավ է, որ նրանց էվակուացրել էին Վարշավա, որ հանդիպումը եղբոր ու քրոջ հետ, որոնք նմանվում էին Բրոնսկիների ընտանիքի երեխաներին, ինձ այստեղ չի սպառնում։

Չարախնդության երանգավորմամբ ես պատկերացրեցի, թե քարտուղարի ժառանգորդների համար, ամենայն ակներևությամբ, որքան ծանր էր անագե զինվորիկներով լի այսպիսի մանկական դրախտից բաժանվելը։ Հնարավոր է, որ նա իր գրպանը մտցրեց մի քանի զինվորիկներ, որպեսզի ավելի ուշ, երբ Մոդլին ամրոցի հեծելազորի համար կբորբոքվեն մարտերը, դրանց օգնությամբ ուժեղացնի լեհական հեծելազորը։

Չնայած Օսկարը չափից դուրս շատ է ճամարտակում անագե զինվորիկների մասին, նա չի կարող ձեզնից թաքցնել․ խաղալիքների բաց դարակաշարի վերին դարակի վրա, նկարազարդ գրքերի ու տարբեր խաղերի հետ նույն շարքում շարվել էին նաև փոքրացված չափսերի երաժշտական գործիքներ՝ պղնձադեղնավուն շեփորը լուռ պառկած էր զանգակների հավաքածուի կողքին, որոնք արտացոլում էին մարտական գործողությունների ընթացքը։ Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր հերթական արկի պայթյունի ժամանակ փոխեփոխ զանգաշար էին ձեռնարկում։ Աջ անկյունից երկարությամն մեկ ձգվելով թեքությամբ խցկվել էր խայտաբղետ հարմոնը։ Ծնողների սնափառությունը բավարարել է, որպեսզի իրենց սերնդի համար չորս իսկական լարերով, իսկական փոքրիկ ջութակ ձեռք բերեն։ Իսկ ջութակի կողքը արդեն, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, դրված էր սպիտակակարմիր լաքով պատված թիթեղյա թմբուկը։

Ես նույնիսկ չփորձեցի սեփական ուժերով թմբուկը դարակի վրայից իջեցնել։ Օսկարը գիտակցում էր, թե որքան սահմանափակ են իր հնարավորությունները և այն դեպքում, երբ թզուկի հետ նմանությունը փոխվում էր անօգնականության, չէր խորշում մեծահասակներին օգնության կանչելուց։

Յան Բրոնսկին ու Կոբիելան պառկած էին ավազի պարկերի ետևում, որոնք փակում էին մեծ, ընդհուպ մինչև առաստաղը հասնող պատուհանների ներքևի մասը, Յանին բաժին էր հասել ձախ պատուհանը, Կոբիելան իր վրա էր վերցրել աջը։ Ես անմիջապես կռահեցի, որ Կոբիելայի մոտ դժվար թե ժամանակ ճարվի դուրս հանելու և վերանորոգելու համար իմ թմբուկը, որն ավելի ու ավելի է տափակում վիրավորի ծանրության տակ, որը պառկած է նրա վրա և արյուն է թքում։ Բանն այն է, որ Կոբիելան գլխովին խրված էր իր զբաղմունքի մեջ, հավասար ժամանակահատվածներից հետո նա պարկերի արանքում թողնված բացվածքից կրակում էր Հեվելիուսպլացի վերևով Շնայսեի ուղղությամբ, որտեղ անմիջապես Ռադաունյան կամուրջի դիմացի անկյունում հակատանկային հրանոթ էին տեղադրել։ Յանը պառկել էր կծկված, գլուխը ծածկած ու ողջ մարմնով դողալով։

Ես նրան ճանաչեցի միայն պերճաշուք, չնայած որ այժմ վրան կիր ու ավազ լցված, մուգ մոխրագույն կոստյումից։ Նրա աջ կողմի կոշիկի նույնպես մոխրագույն թելերը քանդվել էին։ Ես կռացա և այն կապեցի ժապավենակապով։ Երբ ես կապեցի հանգույցը, Յանը ցնցվեց և իր չափից դուրս երկնագույն աչքերը բարձրացրեց ձախ թևքի վրայով և իմ վրայով սահեց երկնագույն ու ջրկություն հիշեցնող հայացքով։ Նա անձայն լաց էր լինում՝ չնայած ինչպես Օսկարը հպանցիկ զննումից հետո կարող էր համոզվել, ամենևին էլ վիրավորված չէր։ Յան Բրոնսկին վախից էր լալիս։ Ես ուշադրություն չդարձրեցի նրա թնկթնկոցների վրա։ Ես մատնացույց արեցի էվակուացված Նաչալնիկի որդուն պատկանող թիթեղյա թմբուկը և ոչ երկիմաստ ձեռքի շարժումով կոչ արեցի Յանին՝ հատուկ զգուշավորությունը պահպանելով և սենյակի՝ գնդակների համար անմատչելի անկյունը օգտագործելով, սողալով հասնել դարակաշարին և ինձ համար վերին դարակից իջեցնել թիթեղը։ Սակայն իմ մորեղբայրը ոչինչ չհասկացավ, իմ ենթադրյալ հայրը ոչինչ չըմբռնեց։ Իմ խեղճ մայրիկի սիրեկանը այնքան էր կլանված վախով, այնքան էր դրանով լցված, որ իմ թիթեղի օգնության աղերսանքները միայն սաստկացնում էին նրա վախը։ Օսկարը արդեն պատրաստ էր նրա վրա ձայնը բարձրացնել, սակայն վախեցավ, որ հանկարծ Կոբիելան, որը զբաղված էր բացարձակապես իր հրացանով, կողմնակի անձի ներկայությունը չնկատի։

Այդ ժամանակ ես պառկեցի պարկերի ետևում, Յանի կողքին և սեղմվեցի նրան, որպեսզի դժբախտ մորեղբորս ու ենթադրյալ հորս փոխանցեմ իմ սովորական ինքնազսպվածությունը։ Քիչ անց նա իսկապես էլ ավելի հանգիստ թվաց ինձ։

Իմ հավասարաչափ շնչառությանը հաջողվեց նաև նրա զարկերակին հաղորդել գրեթե նույնպիսի հավասարաչափություն։ Բայց երբ ես հետո, չնայած որ ժամանակից շուտ, երկրորդ անգամ Յանին ցույց տվեցի Նաչալնիկի որդու թիթեղյա թմբուկը, նրա գլուխը սկզբում դանդաղ ու սիրալիր, իսկ հետո բավականին վճռականորեն, շրջեցի խաղալիքներով գերծանրաբեռնված դարակաշարի կողմը․ Յանը կրկին ինձ չհասկացավ։ Վախը նրա մեջ էր լցվում վարից վեր, հետո հոսում էր ետ՝ վերևից ներքև, հավանաբար միջատակերով հաստ ներբանների պատճառով, հանդիպում էր այնքան հզոր հակազդեցության, որ այդ վախի պատճառով իր տեղը դառնում էր նեղ։

Ես շատ ջանք ու ժամանակ ներդրեցի, որպեսզի մորեղբորս աչքերը վերադարձնեմ ելակետային վիճակին, որպեսզի նրա սրտին հիշեցնեմ պատշաճությունների մասին։ Սակայն գեղագիտությանը ծառայելու իմ բոլոր ջանքերը զուր անցան, երբ աշխարհազորայինները առաջին անգամ գործի դրեցին դաշտային հաուբիցը և ապշեցուցիչ ճշտության ուղիղ նշանառությամբ գետնին պառկեցրին փոստատան դիմացի չուգունե պարիսպը, որը հսկվում էր օպտիկայի միջոցով։ Դա վկայում էր վարժեցվածության բարձր մակարդակի մասին՝ հարվածելով աղյուսե սյուներին ու ստիպելով նրանց մեկը մյուսի ետևից վերջնականապես ընկնելու և իրենց հետ տանելու երկաթյա ցանկապատը։ Իմ խեղճ մորեղբայր Յանը ողջ հոգով, ծանր ապրումներով էր հետևում ոչ այն է տասնհինգ, ոչ այն է քսան սյուներից ամեն մեկի անկմանը, ծանր ապրումներով և այնպիսի կրքոտ մասնակցությամբ, կարծես ոչ միայն պատվանդանն էին փոշիացնում, այլև պատվանդանի հետ միասին՝ նրանց վրա կանգնեցված երևակայական, նրա սրտին մոտ և կյանքում այդքան անհրաժեշտ աստվածներին։

Միայն այսպես կարելի է հասկանալ, թե ինչու է Յանը ամեն մի անկումը ուղեկցում այն աստիճան բարձր սուր գոռոցով, որ եթե այդ գոռոցը ավելի գիտակցորեն ու նպատակասլաց ձևակերպվեր, նրան ինչպես և իմ պատուհանների համար մահացու գոռոցին, լիովին կարելի կլիներ ապակի կտրող ալմաստի հատկանիշներ վերագրել։ Այնինչ Յանը գոռում էր՝ չնայած ընդերքային ձայնով, սակայն անիմաստ և հասավ միայն նրան, որ Կոբիելան մեզ մոտ տեղափոխվեց իր ոսկրոտ, հաշմված մարմինը, բարձրացրեց առանց թերթերունքների աչքերով թռչունի իր լղար գլուխը և ջրոտ֊մոխրագույն բիբերը տարավ մեր՝ դժբախտությամբ ընկերացածներիս վրայով։ Նա թափ տվեց Յանին, Յանը վնգվնգաց։ Նա արձակեց Յանի վերնաշապիկը և վերքը փնտրելով՝ սկսեց շտապողաբար շոշափել նրա մարմինը, ես դժվարությամբ զսպեցի իմ ծիծաղը, հետո, վերքի ամենափոքր հետքեր անգամ չհայտնաբերելով, Յանին շրջեց թիկունքի վրա, բռնեց դնչից, այնպես հագցրեց, որ Յանի ծնոտները ճտտացին։ Լեհերեն հայհոյեց և, վերջապես, նրան նետեց հրացանը, որ մինչ այդ ժամանակները Յանը առանց օգտագործելու պահում էր հատուկ նրա համար պատրաստված հրակնատի դիմաց, որովհետև հրացանը նույնիսկ ապահովիչից չէր հանել։ Խզակոթը չոր հարվածեծ Յանի ծնկին։ Անցողիկ և ողջ հոգևոր տառապանքներից հետո առաջին ֆիզիկական ցավը ակնհայտորեն օգտակար եղավ Յանի համար, որովհետև նա բռնեց հրացանը, արդեն ուզում էր վախենալ, երբ մատների տակ և անմիջապես էլ արյան մեջ զգաց մետաղի սառնությունը։ Սակայն՝ ենթարկվելով Կոբիելայի կիսով չափ անեծք֊համոզումներին, տեղ գրավեց իր հրակնատի ետևում։

Իմ ենթադրայլ հայրը իր ողջ դյուրափոփոխ հարուստ երևակայությամբ հանդերձ այնպիսի իրատեսական պատկերացում ուներ պատերազմի մասին, որ նրա համար ծայրաստիճան դժվար էր, նույնիսկ անհնար, որպեսզի միմիայն երևակայության աղքատության պատճառով իրեն խիզախ պահեր։ Նույնիսկ չըմբռնելով, թե որն է իրեն հատկացված հրակնատի միջով բացվող գնդակոծված տեսադաշտը և չկարողանալով շատ թե քիչ հարմար նպատակներ գտնել, նա փողը թեքությամբ ցցեց դեպի երկինք, հեռացնելով իրենից Հևելիուսպլացի տանիքների վերևով և սկսեց կուրորեն իրար ետևից կրակել, դատարկեց փամփուշտները, որպեսզի արդեն երկրորդ անգամ դատարկ ձեռքերով կուչ գա պարկերի ետևում։ Այն ներողամտություն աղերսող հայացքը, որը Յանը իր թաքստոցից հասցեագրեց պարետին, հիշեցում էր շփոթված մեղայականը շուրթերն ուռեցրած աշակերտի, որը չէր բարեհաճել կատարել տնային աշխատանքը։ Կոբիելան ներքևի ծնոտով մի քանի անգամ շխկշխկացրեց, այնուհետև բարձր ձայնով, կարծես անզուսպ քրքջում էր, սակայն սարսափեցնող կտրականությամբ ընդհատեց ծիծաղը և երեք անգամ, իսկ գուցե և չորս անգամ ոտքով հարվածեծ փոստատան քարտուղար և, ուրեմն, առավել բարձրաստիճան անձ Յանի ոտքին։ Նախապատրաստվեց, որպեսզի իր ձևազուրկ օրթոպեդիկ կոշիկով մի անգամ էլ Յանի կողքին հասցնի, սակայն երբ գնդացրային կրակահերթը մինչև վերջ հաշվեց մանկական սենյակի բոլոր վերնափեղկերը և քչփորեց առաստաղը, իջեցրեց օրթոպեդիկ կոշիկը, իր գնդացրի ետևում տեղ զբաղեցրեց, ինչից հետո մռայլ ու անշտապ, կարծես ուզում էր Յանի պատճառով կորցրած ժամանակը վերականգնել, սկսեց մեկը մյուսի ետևից կրակել, ինչը ևս պետք է ավելացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների զինամթերքի ծախսին։

Իսկ ինձ, ուրեմն, պարետը չնկատե՞ց։ Նա, ով սովորաբար իրեն խիստ ու անմատչելի էր պահում, ինչպես կարողանում են անել միայն պատերազմի հաշմանդամները։ Ցանկանալով որոշակի, պատկառելի հեռավորություն պահպանել, նա ինձ թողեց միջանցիկ քամիների ասպարեզ այդ անկյունում, որտեղ օդը լցված էր արճիճով։ Միգուցե նա ինքն իրեն այսպես էր մտածում․ սա մանկական սենյակ է, նշանակում է՝ Օսկարը կարող է մնալ այստեղ և նույնիսկ դադարի րոպեներին խաղալ։

Չգիտեմ, թե մենք այնտեղ որքան մնացինք պառկած․ ես՝ Յանի ու սենյակի ձախ պատի միջև, մենք երկուսս՝ ավազով պարկերի ետևում, Կոբիելան՝ իր հրացանի հետ, որտեղ նա կրակում էր երկուսի փոխարեն։ Ժամը տասին մոտ փոխհրաձգությունը սկսեց թուլանալ և այնպիսի լռություն իջավ, որ ես լսեցի ճանճերի տզզոցը, Հևելիուսպլացից եկող ձայներն ու հրամանները և նույնիսկ ժամանակ առ ժամանակ կարող էի ունկնդրել նավահանգստի գծանավերի խուլ, որոտալից ճգնումներին։ Երբեմն ամպամած, երբեմն պարզվող սեպտեմբերյան օրը, վրձինը թաթախելով, ամեն ինչ ծածկում էր հին ոսկու շերտով շնչառության պես ամեն բարակը, զգայունը և, միևնույն ժամանակ, խուլը։ Մոտենում էր իմ ծննդյան տասնհինգերորդ տարեդարձը, և ինչպես ամեն անգամ, սեպտեմբերին ինքս ինձ թիթեղյա թմբուկ էի ցանկանում․ հրաժարվելով աշխարհի բոլոր գանձերից՝ իմ զգացմունքները անշեղորեն ձգտում էին դեպի կարմրասպիտակ լաքապատված թիթեղյա թմբուկը։

Յանը չշարժվեց։ Կոբիելան այնքան համաչափ էր շնչում, որ Օսկարը կարծեց, թե նա քնել է՝ կարճ հրադադարը օգտագործելով թարմացնող քնին, քանզի բոլոր մարդկանց, նույնիսկ հերոսներին, ժամանակ առ ժամանակ մի փոքրիկ թարմացնող քուն է անհրաժեշտ։ Միայն ես էի լիովին կայտառ և իմ հասակին բնորոշ անհողդողությամբ հալ ու մաշ էի լինում թմբուկի համար։ Ոչ նրա համար, որ հատկապես այժմ մեծացող լռության և արևից խոնջացաց ճանճի տզզոցը մարելու պատճառով կրկին իմ մեջ արթնացավ թմբուկի մասին հիշողությունը՝ պատանի Նաչալնիկի թիթեղյա թմբուկի։ Ոչ, նույնիսկ մենամարտի ժամանակ, ռազմական դղրդյուններով շրջապատված, Օսկարը թմբուկը հայացքից բաց չէր թողնում։ Իսկ այժմ ինձ մոտ հնարավորություն է հայտնվել, որը բաց թողնելու միտքն անգամ ես մերժում էի։

Օսկարը դանդաղ վեր կացավ՝ լուռ աշխատելով ոտքերը ապակու բեկորների վրա չդնել, սակայն նպատակասլաց շարժվեց դարակաշարի կողմը, որտեղ դրված էին խաղալիքները, իր մտքում նա արդեն մանկական աթոռակից ու խորանարդիկներով արկղից վեր էր խոյացել տակդիր, որը բավականաչափ բարձր կլիներ ու բավականաչափ կայուն, որպեսզի Օսկարին դարձներ լրիվ նոր թմբուկի տերը, սակայն այդ պահին Կոբելայի ձայնը և ձայնին հաջորդած պարետի կոշտ ձեռքը ինձ կանգնեցրին։ Հուսալքության մատնված՝ ես մատնացույց արեցի այդ թմբուկի վրա։ Կոբիելան ինձ հրեց ետ։ Ես զույգ ձեռքերով ձգվում էի դեպի թմբուկը։ Հաշմանդամը մտածմունքների մեջ ընկավ, ուզում էր արդեն ձեռքը դեպի վեր երկարել ու ինձ երջանկացնել, սակայն այդ պահին մանկական սենյակ հասավ գնդացրային կրակահերթը, շքամուտքի դիմաց պայթեցին հակատանկային արկերը։ Կոբիելան ետ շպրտեց ինձ դեպի անկյուն՝ Յան Բրոնսկու մոտ, գլորվելով մոտեցավ իր մարտական դիրքին և հասցրեց երկրորդ անգամ վերալիցքավորել, իսկ ես դեռ աչքերս չէի կտրել թիթեղյա թմբուկից։

Ահա և Օսկարը պառկած էր, իսկ Յան Բրոնսկին՝ իմ սիրելի երկնագույն աչքերով մորեղբայրը, նույնիսկ քիթը չբարձրացրեց, երբ թռչնագլուխը, հաշմված ոտքով և առանց հոնքերի ջրոտ աչքերով արդեն բաղձալի նպատակակետի առաջ կանգնածիս ետ շպրտեց մի կողմ, լաց եղավ։ Ոչ, իմ մեջ մոլեգնեց ցասումը։ Շատացան յուղոտ անաչք թրթուրները՝ արժանի լեհ փնտրելով։ Ես ի՞նչ գործ ունեմ Լեհաստանի հետ։ Եվ դա ի՞նչ բան է, այդ Լեհաստանը։ Վերջ ի վերջո, չէ՞ որ նրանք իրենց հեծելազորը ունեն, դե, ուրեմն, թող նա էլ արշավի։ Թե չէ նրանք համբուրում են տիկնանց ձեռքերը և չափազանց ուշ են նկատում, որ ամենևին էլ ոչ թե համբուրել են կանանց հոգնած մատիկները, այլ դաշտային հաուբիցի շրթներկոտ երախը։ Ինչից հետո կույսը՝ օրիորդական անունը Կրուպ, չուշացնելով երեխա բերեց։ Ահա նա, շուրթերը չփչփացնելով, համբուրեց՝ վերարտադրելով չնայած որ վատ, սակայն ճակատամարտ հիշեցնող ձայներ, որպիսիք կարելի է լսել «Վոխենշաուի» ամենշաբաթյա թողարկումներում, նա սկսեց փոստատան շքամուտքի դիմաց նետել ուտելու ոչ պիտանի սառնաշաքարներ, նա ցանկանում էր հարվածելով ճեղքվածք առաջացնել և առաջացրեց այդ ճեղքվածքը, ցանկացավ անցնել տակնուվրա արված գործառնույթների դահլիճի միջով, ամբողջապես կրծել աստիճանահարթակը, որպեսզի այլևս ոչ ոք չկարողանար բարձրանալ, այլևս ոչ ոք չկարողանար իջնել։ Իսկ գնդացիրների ետևի նրա շքախմբի համար և նրա, որը պերճաշուք հետախուզական զրահամեքենաների վրա խզբզում էր գեղեցիկ անուններ, ինչպես «Օսթմարկ» և «Սուդետներ», նրանց համար այդ ամենը քիչ էր, և նրանք դղրդյունով իրենց զրահի մեջ շարժվում էին փոստատան առջև ետ ու առաջ, կարծես երկու երիտասարդ, հետաքրքրասեր օրիորդներ, ովքեր մտադրվել էին ինչ֊որ ամրոց ուսումնասիրել, իսկ ամրոցը մշտապես փակ էր կողպեքով։ Դա սաստկացնում էր երես առածների անհամբերությունը, երես առածների, որոնք մշտապես ծարավ էին գեղեցկուհիների թույլտվությանը, և նրանց վրա ստիպողաբար հայացք գցելուն, արճիճի պես մոխրագույն, էլի այն նույն տրամաչափի և ամրոցի ննջասենյակները դիտել թույլատրող ներթափանց հայացքներ, որպեսզի նրա պահապանները բռնկվեին տենդով ու սառնամանիքով, տենդ ու ցուրտ զգային, որպեսզի նրանց սիրտը կծկվեր։

Ես վերհիշում եմ, որ հենց զրահամեքենաներից մեկը՝ «Օսթմարկն» էր, դուրս գալով Ռիթերգասեից, սլացավ փոստատան շենքի վրա, և Յանը՝ երկար ժամանակահատված կարծես անկենդան դարձած իմ մորեղբայրը, հրակնատի առաջ պարզեց իր աջ ոտքը և այն վեր ցցեց՝ հույս ունենալով, որ հետախուզական մեքենան այն կհետախուզի, նրա վրա կկրակի, և կամ ճամփան կորցրած արկը կսահի նրա սրունքի կամ կրունկի վրայով և նրան այնպիսի վնասվածք կպատճառի, որը զինվորին թույլ կտա չափազանցվածությամբ կաղալով նահանջել։

Սակայն ոտքը նման դիրքով երկար պահելը երևի թե Յանին չափազանց հոգնեցուցիչ թվաց։ Ժամանակ առ ժամանակ նա այն իջեցնում էր։ Միայն մեջքի վրա շրջվելով՝ նա իր մեջ բավականաչափ ուժ գտավ, որպեսզի ոտքը երկու ձեռքերով ծունկի տակից պահելով, արդեն հետո հաջողության առավել մեծ հավանականությամբ նշանոցային, ինչպես նաև պատահական կրակոցների տակ դնի սրունքը կամ կրունկը։

Չնայած ես Յանին լիակատար ըմբռնումով էի մոտենում և մինչև այժմ պահպանում եմ այն, չէի կարող չհասկանալ նաև Կոբիելային, երբ նա իր ղեկավարությանը՝ քարտուղար Յան Բրոնսկուն տեսավ այդ ամոթալի, այդ հուսահատ դիրքով։ Պարետը մեծ թռիչքով վեր թռավ հատակից, երկրորդով հայտնվեց մեր կողքին, մեր գլխավերևում, ազատություն տվեց ձեռքերին, բռնեց կոստյումի կտորից, իսկ կտորի հետ մեկտեղ նաև Յանին, վեր բարձրացրեց այդ հանգույցը, այն շպրտեց ետ, նորից բռնեց այնպես, որ կտորը ճթճթաց, հարվածեց ձախից, օդում բռնեց աջ կողից, ցանկացավ միառժամանակ աջն ու ձախը միավորել իր մեծ բռունցքի մեջ, իսկ հետա այդ բռուցքով հզոր հարված հասցնել և դրանով ջախջախել Յան Բրոնսկուն՝ իմ մորեղբորը և Օսկարի ենթադրյալ հորը։ Սակայն այդ պահին հնչեց բարձր զրնգոց, որը, հնարավոր է, հնչեցնում են հրեշտակները ի փառս Աստծո, սակայն այդ պահին հնչեց երգ, ինչպես ռադիոյով երգում է եթերը, սակայն այդ պահին մի արկ դիպավ, բայց ոչ Բրոնսկուն, այլ պարետին, արկը որոշեց լավ կատակել, այստեղ աղյուսներն էին ծիծաղում մինչև բեկորները, իսկ բեկորները՝ մինչև փոշին։ Այստեղ սվաղը դարձավ ալյուր, իսկ ծառը գտավ իր կացնին։ Այստեղ ողջ այս հետաքրքրաշարժ մանկական սենյակը թռչկոտեց մեկ ոտքի վրա, այստեց ճաքեցին տիկնիկները, այստեղ ձի֊ճոճաթոռը սանձազերծ ցատկեց և ուրախ կլիներ ձիավոր ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի նրան ցած գլորել։ Այստեղ շինության կառուցվածքի մեջ ի հայտ եկան սխալ համակցություններ, իսկ լեհ ձիավորները միաժամանակ գրավեցին մանկական սենյակի բոլոր չորս անկյունները, և այստեղ վերջապես շուռ տրվեց ողջ դարակաշարը, և զանգակները վաղօրորք տեղեկացրին Զատկի մասին, և հարմոնը ճչաց։ Շեփորը երևի ինչ֊որ մեկին ինչ֊որ բան շեփորեց, ամեն ինչ հնչում էր միաժամանակ, կարծես նվագախմբի երաժիշտներն էին հարմարվում․ ամեն ինչ գոռում էր, պայթում, խրխնջում, զնգզնգում, դես ու դեն էր թռչում, ճաքում, ճռռացնում, կաղկանձում, բարձր վեր էր քաշում լարը և պայթեցնում էր հիմքը խորքում։ Իսկ ես (էլ ի՞նչ պետք է աներ երեք տարեկանը) արկի պայթյունի ժամանակ գտնվում էի պահապան հրեշտակի անկյունում՝ հենց մանկական սենյակի պատուհանի տակ, ինձ բաժին հասավ թիթեղը, բաժին հասավ թմբուկը, լաքի վրա կային մի քանի ճաքեր, սակայն Օսկարի նոր թիթեղյա թմբուկի վրա մեկ անց անգամ չկար։

Հայացքս բարձրացնելով հենց նոր ձեռք բերածիս՝ իմ ոտքերի տակ գլորված թմբուկի վրայից, այսպես ասած դու հլա մի տես, ես իմ պարտքը համարեցի օգնել Յանին։ Սակայն նրան ոչ մի կերպ չէր հաջողվում իր վրայից թափ տալով դեն նետել Կոբիելայի մարմինը։ Սկզբում մտածում էի, որ Յանը նույնպես վիրավորվել է, ախր նա չափից դուրս բնական էր կաղկանձում։ Սակայն հետո, երբ մենք մի կողմ գլորեցինք նույնչափ բնական տնքացող Կոբիելային, պարզվեց, որ Յանի վնասվածքները բացարձակապես աննշան էին․ ապակու բեկորները քերծել էին նրա աջ այտը և ձեռքի ափի ետևի կողմը, ընդամենը այդքանը։

Արագ անցկացված համեմատությունը ինձ օգնում էր գալ այն հետևության, որ պարետի արյունը իմ ենթադրյալ հոր արյունից ավելի բաց գույնի է, իսկ շալվարը ազդրերի մասում ներկվել էր հյութեղ ու մուգ գույնով։

Սակայն թե ով պայթեցրեց և աստառի կողմը շրջեց Յանի պերճաշուք կոստյումը, արդեն հնարավոր չէր որոշել։ Կոբիելա՞ն, թե՞ արկը։ Ո՞վ պոկեց ուսերը, առանձնացրեց աստառը, պոկեց կոճակները, պատռեց կարերը, շուռ տվեց գրպանները։

Խնդրում եմ ներողամտորեն վերաբերվել իմ խեղճ Յանին, որը սկզբում մի տեղ հավաքեց դաժան փոթորկի կողմից իր գրպաններից դուրս մղվածը և միայն հետո, իմ օգնությամբ Կոբիելային դուրս բերեց մանկական սենյակից։ Յանը կրկին գտավ նաև սանրը և մտերիմների ու հարազատների լուսանկարները՝ դրանց մեջ իմ խեղճ մայրիկի գոտկատեղից վեր դիմանկարը, իսկ դրամապանակը նույնիսկ չէր բացվել։ Դժվար է, նաև անվտանգ չէ, քանի որ պաշտպանական պարկերը պայթյունի հետևանքով շաղ էին եկել։ Պարզվեց, որ նրա համար դժվար ու նաև անվտանգ չէր սենյակով մեկ ցիրուցան եղած խաղաթղթերի կապուկը հավաքելը, քանզի նա ուզում էր անպայման գտնել բոլոր երեսուներկուսը և չգտնելով երեսուներկուերորդը, իրեն խորապես դժբախտ զգաց, իսկ երբ Օսկարը երկու շուռ եկած տիկնիկային տնակների մեջտեղից այն գտավ ու մեկնեց Յանին, նա ժպտաց՝ չնայած դա ագռավի յոթնոցն էր։

Երբ մենք Կոբիելային քաշելով դուրս բերեցինք մանկական սենյակից և ի վերջո քարշ տվեցինք միջանցք, պարետը կարողացավ հավաքել իր ուժերը, որպեսզի Յանի համար հասկանալի մի քանի բառ մրթմրթար։

― Ինչպե՞ս է այնտեղ։ Ամեն ինչ տեղո՞ւմ է, ― անհանգստացավ հաշմանդամը։

Յանը ձեռքը մտցրեց նրա շալվարի մեջ, ծերունական ոտքերի արանքը, նրա ափը ակնհայտորեն լցվեց, և այն ժամանակ նա Կոբիելային գլխով արեց։

Ինչ աստիճան էին ուրախ բոլոր երեքը․ Կոբիելային հաջողվեց պահպանել իր տղամարդկային հպարտությունը, Յան Բրոնսկուն՝ սկատի համար բոլոր երեսուներկու խաղաթղթերը, իսկ Օսկարը նոր թիթեղյա թմբուկ ձեռք բերեց, որն ամեն քայլափոխին խփում էր ծնկին, մինչև Յանը և ևս մի մարդ, որին Յանը Վիկտոր էր անվանում, մի հարկ ներքև՝ փոստային առաքումների պահեստ էին տեղափոխում արյան կորստից թուլացած պարետին։


Խաղաթղթե տնակը

Վիկտոր Վելունը օգնում էր մեզ պարետին տեղափոխել, որը, չնայած ուժեղացող արյունահոսությանը, գնալով էլ ավելի էր ծանրանում։ Այդ ժամանակ արդեն չափազանց կարճատես Վելունը դեռ կրում էր իր ակնոցը և քարե աստիճանների վրա չէր սայթաքում։ Նա մասնագիտությամբ, որքան էլ դա տարօրինակ էր կարճատեսի համար, դրամային փոխանցումների առաքող էր։ Այսօր, երբ խոսք է գնում Վելունի մասին, ես նրան խեղճ Վելուն եմ անվանում։ Ինչպես մայրիկս ծովապատնեշ կատարած այն ընտանեկան զբոսանքից հետո վերածվեց խեղճ մայրիկի, այնպես էլ Վելունը՝ զրկվելով ակնոցից, չնայած այստեղ կային նաև այլ պատճառներ, դարձավ առանց ակնոցի խեղճ Վելուն։

― Դու չհանդիպեցի՞ր խեղճ Վելունին, ― հարցնում եմ ես իմ ընկեր Վիտլարին այցելությունների օրերին։ Սակայն տրամվայով Ֆլինգերնից մինչև Հերեսհայմ կատարած այն ուղևորությունից հետո, ինչի մասին իր ժամանակին կտեղեկացվի, մենք Վիկտոր Վելունին կորցրեցինք տեսադաշտից։ Մնում է միայն հուսալ, որ հետապնդողները ևս նրան նույնչափ ապարդյուն էին փնտրում, որ նա գտել է իր ակնոցը և կամ իր համար ընտրել ուրիշը՝ հարմարը և, հնարավոր է, ինչպես նախկին ժամանակներում, թեկուզ և այլևս ոչ Լեհական փոստատանը ծառայություն կատարելիս՝ ծայրահեղ դեպքում որպես ֆեդերալ փոստատանը ծառայող դրամային փոխանցումները բաժանող, կարճատես ու ակնոցավոր, խայտաբղետ թղթերով ու ամուր մետաղադրամներով երջանկացնում է մարդկանց։

― Մի՞թե սա սարսափելի չէ, ― փնչացնում էր Յանը՝ Կոբիելային ձախից բռնելով։

― Իսկ ի՞նչ կլինի, եթե չգան ոչ անգլիացիք, ոչ ֆրանսիացիք, ― անհանգստանում էր Վելունը՝ աջ կողմից պահելով պարետին։

Ախր, այդ ինչպե՞ս չեն գա։ Ռիդզ Ամիգլին դեռ երեկ ռադիոյով ասաց․ «Մենք երաշխիքներ ունենք, որ երբ բանը հասնի ճակատամարտին, ողջ Ֆրանսիան մեկ մարդու պես ոտքի կկանգնի»։ Յանին հեշտ չէ մինչև արտահայտության վերջը իր հազմոզվածությունը պահպանելը՝ չնայած քերծված ձեռքի վրայի սեփական արյան տեսքը կասկածի տակ չէր դնում լեհ֊ֆրանսիական պայմանագրի երաշխիքները, սակայն ստիպում էր զգուշանալ, որ ինքը, Յանը, կարող է արյունաքամ լինել՝ նախքան ողջ Ֆրանսիան մեկ մարդու պես ոտքի կկանգնի և, տված երաշխիքներին հավատարիմ, Արևմտյան ծովապատնեշով կնետվի առաջ։

Նրանք արդեն հաստատապես ճանապարհին են։ Իսկ բրիտանական նավատորմը արդեն ակոսում է Բալթիկ ծովի ալիքները։ Վիկտոր Վելունը սիրում էր թունդ, հնչեղ արտահայտություններ։ Նա աջ կողմից վիրավոր պարետի մարմնով սեղմված, կանգ առավ աստիճանի վրա, և ձախ ձեռքը վեր կառկառեց, ինչպես թատրոնում, որպեսզի բոլոր հինգ մատները ասեին իրենց խոսքը․ «Դե եկեք, օ, հպարտ բրիտանացիներ»։

Եվ քանի որ երկուսով Կոբիելային դանդաղ ժամանակավոր լազարեթ էին հասցնում, ճանապարհին լեհական֊անգլիական֊ֆրանսիական հարաբերությունների մասին դատողություններ անելով, Օսկարը մտովի թերթում էր Գրեթխեն Շեֆլերի գրքերը՝ դրանցում համապատասխան տեղը փնտրելով։ Դանցիգ քաղաքի կայզերական պատմությունը․ «Հազար ութ հարյուր յոթանասուն թվի օգոստոսի քսանմեկին, կեսորից հետո ֆրանսիական չորս ռազմանավեր մտան Դանցիգայն ծովածոց։ Խարսխակայանում կանգ առնելով՝ նրանք իրենց թնդանոթները ուղղեցին քաղաքի ու նավահանգստի վրա, սակայն կապիտան Վեյկամանի գլխավորած «Նիմֆա» պտուտակային հետախուզական ռազմանավին դրան հաջորդած գիշերը հաջողվեց ստիպել, որպեսզի Դանցիգյան ծովախորշում խարսխված նավատորմը նահանջի»։

Քիչ առաջ այն պահից, երբ մենք հասանք նամակագրությունների պահեստին, որը երկրորդ հարկում էր, ես ոչ առանց դժվարության եկա մի եզրակացության, որը հետագայում ստացավ իր հաստատաումը։ Մինչ Լեհական փոստատունը և ողջ հարթավարային Լեհաստանը պաշարման էին ենթարկվում, բրիտանական նավատորմը՝ փոքրիշատե պաշտպանված, մնում էր Հյուսիսային Շոտլանդիայի խութածոցերից մեկում, ֆրանսիական մեծ բանակը նիստի էր նստել ճաշասեղանի շուրջ՝ համոզված, որ Մաժինոյի գծից այն կողմ մի քանի հետախուզական օպերացիաներ իրականացնելով՝ ինքը կատարել է լեհ֊ֆրանսիական պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Պահեստի՝ ասել է թե դաշտային լազարեթի առջև մեզ դիմավորեցին դոկտոր Միխոնը, որը դեռ պողպատյա սաղավարտով և ջենթլմենին վայել ձևով գրպանից դուրս հանած թաշկինակով էր, և Վարշավայից լիազորված ոմն Կոնրադ։ Եվ իր առջև ներկայացած տարբեր ձևերի ամենասարսափելի խեղանդամությունները տեսնելով՝ Յան Բրոնսկու վախը անմիջապես կենդանություն առավ։ Այն ժամանակ, երբ Վիկտոր Վելունը, լիովին անվնաս և դեռևս նաև ակնոցով, ցանկանալով լինել կարգապահ հրաձիգ, պարտավոր էր իջնել գործառույթների դահլիճ, մեզ թույլ տվեցին մնալ պատուհաններից զուրկ կառույցում, որն աղոտ լուսավորված էր ճարպամոմերով, քանզի Դանցիգ քաղաքի էլեկտրակայանը Լեհական փոստատունը էլեկտրականությամբ մատակարարելն այլևս իր համար հնարավոր չէր համարում։

Չնայած դոկտոր Միխոնը առանձնահատուկ վստահություն չէր տածում Յանի վնասվածքների հանդեպ, սակայն մյուս կողմից, որպես փոստատան պաշտպան, այնքան էլ թանկ չէր գնահատում իր քարտուղարին, և նրան հրաման տվեց խնամակալի կարգավիճակով հսկողություն սահմանել հիվանդների ու իմ նկատմամբ, իմ գլուխը նա հպանցիկ, սակայն, ինչպես ինձ թվաց, վհատորեն շոյեց, որպեսզի երեխան ռազմական գործողությունների մեջ ներքաշված չլինի։

Գործառնությունների դահլիճի մակարդակի վրա հաուբիցը դիպավ ուղիղ նշանին։ Մենք զառերի պես վեր թռանք։ Պողպատյա սաղավարտով Միխոնը, Վարշավայից լիազորված Կոնրադը և փողային փոխանցումներ առաքող Վելունը վազեցին դեպի իրենց մարտական դիրքերը։ Յանը և ես, երկուսս իրար գումարած, յոթ, ութ վնասվածքներով, հայտնվեցինք պատուհաններից զուրկ կառույցում, որը խլացնում էր մարտի ձայները։ Նույնիսկ մոմերի բոցերն էլ էին թրթռում, երբ հաուբիցը փողոցում լրջություն էր բանեցնում։ Չնայած վիրավորների տնքոցներին կամ հենց նրանց պատճառով՝ այստեղ լուռ էր։ Ես կտրատված սավանների երիզները արագ ու անվարժ փաթաթեցի Կոբիելայի ազդրին, ինչից հետո որոշեցի զբաղվել ինձանով, սակայն ոչ այտիս, ոչ ձեռքիս ափի ներսի մասը այլևս չէին արյունահոսում։ Չորացած արյան շերտով պատված կտրվածքները լռում էին, սակայն պետք է ենթադրել, որ ցավում էին և դրանով էլ սնուցում էին Յանի վախը, որն այս տոթ ու ցածր կառույցում իր համար ելք չէր գտնում։ Յանը սկսեց անհանգիստ շոշափել գրպանները, գտավ խաղաթղթերի ամբողջական կապուկը։ Սկատ։ Եվ ընդհուպ մինչև պաշտպանության ճեղքումը մենք բոլորս սկատ էինք խաղում։

Խառնում էինք երեսուներկու խաղաթղթերը, կիսում, բաժանում, սկսում։ Քանի որ նամակների համար նախատեսված բոլոր կողովները այլ վիրավորների կողմից զբաղեցված էին, մենք ստիպված էինք Կոբիելային նստեցնել թիկունքը կողովին հենած, հետո, քանի որ նա ժամանակ առ ժամանակ փորձում էր ընկնել, մենք նրան այլ վիրավորի մոտից փոխ վերցրած շալվարակալներով կապեցինք և դրանով իսկ նրան տվեցինք հաստատուն դիրք և հորդորեցինք ոչ մի դեպքում խաղաթղթերը վայր չդնել, որովհետև Կոբիելան մեզ պետք էր։ Ինչի՞ էինք մենք պետք առանց սկատի համար անհրաժեշտ երրորդ խաղացողի։ Նրանց, ովքեր պառկած էին կողովների մեջ, արդեն դժվար էր կարմիր և սև խաղաթղթերը իրարից տարբերելը, նրանք այլևս չէին ցանկանում սկատ խաղալ։ Ճիշտն ասած, Կոբիելան ևս չէր ցանկանում։ Նա ցանկանում էր պառկել և, այլևս ոչնչի չխառնվելով, թույլ տալ, որպեսզի իրադարձությունները ընթանան իրենց հերթականությամբ՝ ահա թե ինչ էր ուզում պարետը։ Ծալել անսովոր հանգստություն ձեռք բերած ձեռքերը, փակել թերթերունքներից զուրկ կոպերը և այդ դիրքից հետևել քանդման աշխատանքների ավարտին։ Սակայն մենք նման ճակատագրապաշտությունը տանել չկամեցանք, մենք ամուր, շատ ամուր նրան կապեցինք, մենք ստիպեցինք, որ նա լինի մեզանից երրորդը, իսկ Օսկարը՝ նա այստեղ երրորդն էր և ոչ մեկին չզարմացրեց, որ նման փոքրիկ երեխան սկատ խաղալ գիտի։

Ճիշտ է, երբ ես առաջին անգամ խոսեցի մեծահասկաների լեզվով, և իմ ձայնը արտաբերեց «տասնութ», Յանը իր խաղաթղթերից կտրվելով, չնայած որ ինձ վրա հպանցիկ, չըմբռնող հայացք նետեց, սակայն գլխով դրական շարժում արեց, ինչից հետո ես կրկին՝ «քսա՞ն», Յանը ափսոսանքով «փաս»։ Դե, իսկ Կոբիելան, արդեն պատրաստվում էր ընկնել։ Սակայն մենք նրան բարձրացրեցինք, մենք սպասեցինք, մինչև մեր սենյակից հեռու պայթած արկի բարձրացրած աղմուկը հանդարտվի, և այդ ժամանակ Յանը կարող էր դրանից հետո տիրած լռության մեջ շշնջալ․ «Քսանչորս, Կոբիելա։ Դու մի՞թե չլսեցիր, որ տղան է պատվիրում»։

Ես չգիտեմ էլ, թե որտեղից, որ խորքերից վեր բարձրացավ պարետը։ Թվում էր, թե նա ամբարձիչով բարձրացրեց իր ծանրացած կոպերը։ Ի վերջո, նրա ջրալի հայացքը սահեց տասը խաղաթղթերի վրայով, որոնք Յանը վեհանձնորեն և առանց դրանց վրա հայացք նետելու փոքրագույն փորձի, դրեց նրա ձեռքերի մեջ։

― Ես փաս, ― ասաց Կոբիելան, ավելի շուտ, մենք այդ բառերը կարդացինք նրա, հավանաբար, չափից դուրս չորացած, որպեսզի նա կարողանա խոսել, շուրթերի վրա։ Ես հասարակ խաչ խաղացի։ Որպեսզի առաջին տանելու տեղերը խաղարկվեն, Յանը, որն իրեն «հակա» հայտարարեց, ստիպված եղավ բղավել պարետի վրա, մեղմաբարո, սակայն կոպտորեն նրան կողքից հրել, թող նա ուշքի գա ու չմոռանա իր պարտականության մասին, որովհետև որպես սկիզբ ես երկուսի հաղթաթղթերն էլ շարքից հանեցի։ Այնուհետև խաչի թագավորը տվեցի նրանց, որը Յանը վերցրեց ագռավի զինվորով, սակայն քանի որ ես ագուռներ չունեի, շարքից հանեցի Յանի ագուռի մեկնոցը, և նորից քայլ վերցրեցի՝ սրտի զինվորով շարքից հանեցի նրա ագուռի իննոցը։ Կոբիելան այստեղ գցեց ագուռի տասնոցը, ինչից հետո ինձ մնում էր միայն փոսիկների երկար շարքով նրանց վերջը տալ, իսկ մեկով՝ խաղում ես ― երկուս֊հակա֊երեք֊շնայդեր֊չորս֊առը խաչով֊սա քառասունութ միավորանոցին քսան պֆենիգ։ Միայն հերթական խաղին, երբ ես չափից դուրս վտանգավոր խաղ պատվիրեցի՝ գրանդ առանց երկուսի, Կոբիելան, չնայած զույգ զինվորներ ուներ, չհանդգնեց խիզախել, փաս գնաց արդեն երեսուներեքի ժամանակ և խաչի զինվորով վերցրեց ագուռի զինվորը, և խաղը մի փոքր աշխուժացավ։ Պարետը, կարծես իր տանելու մտքով տարված, փորձեց առաջ անցնել մեկնոցով, ինչին ես ստիպված էի ագուռ տալ, իսկ Յանը կողքից մի տասնոց էլ գցեց։ Կոբիելան մտավ թագավորից, որը ես և՛ չէի կարող, և՛ պարտավոր էի վերցնել, սակայն դրա փոխարեն նրանց գցեցի խաչի ութնոցը։ Յանը ազնվորեն ուզում էր նրան կողքից մի բան գցել, իսկ հետո, նույնիսկ ագռավի տասնոցից մտավ, որը ես քիչ մնաց հաղթաթղթով վերցնեի, սակայն այդ գրողի տարած Կոբիելան ինձ ընդհատեց ագռավի զինվորով։ Դրա մասին էլ ես հենց կամ ընդհանրապես մոռացել էի, կամ էլ կարծում էի, թե այն Յանի մոտ է, իսկ նա տարավ֊բերեց ու Կոբիելայի մոտ հայտնվեց, և Կոբիելան, հենց այստեղ էլ հռհռալով, այն ցած դրեց։ Հետո նա, ինքնըստինքյան, խաղարկեց իր ագռավը, ես չգիտեի միայն ինչ, իսկ Յանը անընդհատ գցում ու գցում էր և երբ ի վերջո հասան փոսիկին, դա ինձ արդեն պետք չեկավ, ես հաշվեցի ընդամենը հիսուներկու միավոր և առանց երկու֊խաղում ես֊երեք֊գրանդ֊սա֊վաթսուն֊պարտություն֊սա֊քսան֊կամ֊երեսուն֊պֆենիգ։ Յանը ինձ մանր մետաղադրամով երկու գուլդեն գցեց, ես վճարեցի, սակայն Կոբիելան, չնայած հաղթանակին, կրկին կակազեց, փողը չվերցրեց, և նույնիսկ արկը, որն առաջին անգամ էր աստիճանավանդակի վրա պայթում, նրան ամենևին չանհանգստացրեց՝ չնայած դա նրա աստիճանավանդակն էր, չնայած նա էր, որ առանց հոգնելու տարիներ շարունակ այն մաքրում ու փայլեցնում էր։

Յանին կրկին տիրեց վախը՝ հենց որ մեր սենյակի դուռը ցնցվեց, և մոմերի կրակները վճռականորեն չգիտեին, թե ինչպես իրենց պահեն և որ կողմը թեքվեն։ Նույնիսկ երբ աստիճանավանդակի վրա կրկին հարաբերական լռություն հաստատվեց, երբ հերթական արկը պայթեց մեզանից հեռու գտնվող ճակատային մասի դիմաց, Յան Բրոնսկին սկսեց խելագարի պես խաղաթղթերը խառնել, երկու անգամ հաշիվը կորցրեց, սակայն ես նրան ոչինչ չասեցի։ Մինչ այստեղ կրակում էին, Յանը մնում էր բառերի համար անմատչելի, գտնվում էր տարօրինակ գրգռվածության մեջ, անմտորեն բարձրացնում էր սակարկությունը, իր խաղը սկսում էր ոչ այն համագույն խաղաթղթից, մոռանում էր դեն նետել նույնիսկ լրացուցիչ վերցրած խաղաթղթերը և իր փոքրիկ, գեղեցիկ, զգայուն, թմբլիկ ականջներով ականջ էր դնում դրսում տեղի ունեցողին։ Իսկ մենք այդ ընթացքում անհամբերությամբ սպասում էինք, թե նա երբ պետք է ի վերջո զբաղվի խաղով։ Սակայն, ի տարբերություն Յանի, որն ավելի ու ավելի էր շեղվում, Կոբիելան ողջ ժամանակ գործում էր, եթե միայն կրկին չկակղեր իր շալվարակալների մեջ, և ստիպված չլինեինք ոտքով կողքին հարվածելով քաջալերել։ Պետք է ասել, որ նա ամենևին էլ այնքան վատ չէր խաղում, տեսքից դատելով, ինքն էր իր խաղի մասին մտածում։ Իսկ կախ էր ընկանում նա միայն հերթական խաղաշրջանը հաղթելուց կամ ինձ, կամ Յանին հակայի վրա նստեցնելուց հետո։ Հաղթել, թե պարտվել՝ դրանում նա արդեն տարբերություն չէր տեսնում։ Նա այժմ գոյություն ուներ միայն խաղի համար։ Իսկ երբ մենք հաշվում կամ վերահաշվում էինք, նա ուրիշ շալվարակալներից թեքությամբ կախվում էր և միայն իր ադամախնձորին էր թույլ տալիս վախեցած ցնցվել և դրանով կյանքի նշաններ ցույց տալ Կոբիելա անունով պարետի անունից։

Օսկարին ևս հոգնեցնում էր այդ երեքհոգիանոց խաղը։ Չի կարելի ասել, որ փոստատան պաշարման ու գրոհի հետ կապված ցնցման գույներն էին նրա նյարդերի վրա շատ ազդում։ Խնդիրն ավելի շուտ այս առաջին, անսպասելի և, ինչ ես ինքս իմ մեջ որոշեցի, ժամանակային շրջանակներով սահմանափակված, ամեն կարգի շինծու բաներից հրաժարվելն էր։ Եթե մինչ այս օրը ես առանց դիմակի էի կանգնում միմիայն իմ խրատատու Բեբրայի և նրա Ռոզվիտա անունով պայծառատես տիկնոջ առջև, ապա այսօր իմ մորեղբոր՝ նույն իր՝ իմ ենթադրյալ հոր և հաշմանդամ Կոբիելայի առջև, այսինքն՝ այն մարդկանց, որոնք որպես ապագայում վկա, ամենևին բացառվում էին։ Ես ներկայացա իմ փաստաթղթերին համապատասխան՝ որպես տասնհինգամյա դեռահաս, որը չնայած վտանգավոր, բայց ամենևին վատ չի խաղում սկատ։ Եվ ահա այդ ջանքերը, որոնք, համապատասխանելով իմ մտադրություններին, վճռականապես չէին համապատասխանում իմ թզուկային չափսերին, գրեթե մեկ ժամվա չափ խաղից հետո ուժեղագույն ցավ առաջ բերեցին իմ գլխում և հոդերում։

Օսկարը դեմ չէր խաղը դադարեցնելուն, նա լիովին կարող էր առիթ գտնել և գրեթե իրար ետևից երկու դիպուկ կրակակոծության միջև, որոնք ցնցում էին ողջ շենքը, փախչել, եթե միայն մինչ այդ ժամանակ դիմակայելու նրան անծանոթ պատասխանատվության զգացումը և միակ գործուն միջոցով սկատ խաղալով երնթադրյալ հորս պատասխանելու ներքին հրամանը ինձ ետ չպահեին։

Այսպիսով, մենք շարունակեցինք խաղալ և Կոբիելային թույլ չէինք տալիս մահանալ։ Ուղղակի նրա ձեռքերը դրան չէին հասնում։ Մի՞թե ես զուր էի ջանացել, որպեսզի ողջ ժամանակ խաղաթղթերը շարժման մեջ լինեն, և երբ աստիճանների վրա պայթյունից հետո մոմերը ընկան և իրենց փոքրիկ կրակները կորցրեցին, ոչ այլ ոք, քան ես էի, որ լիակատար ինքնատիրապետմամբ արեցի ամենախելամիտը՝ այն է, Յանի գրպանից հանեցի լուցկին։ Նույն տեղից վերցրեցի նաև սիգարետները և ոսկե ծխափողը, աշխարհ վերադարձրի լույսը, Յանի համար հանգստացուցիչ «ռեգատ» կպցրեցի և այդ մթության մեջ վերականգնեցի մի կրակը մյուսի ետևից՝ նախքան Կոբիելան նրանից օգտվելով կհասցներ հավերժ հեռանալ։

Օսկարը երկու մոմերը ամրացրեց իր նոր թմբուկի վրա, սիգարետները դրեց, որպեսզի դրանք մշտապես լինեին ձեռքի տակ, ծխախոտի հանդեպ անձամբ ցուցաբերեց իր կատարյալ արհամարհանքը, մինչդեռ Յանը ևս մեկ սիգարետ առաջարկեց, նույնիսկ դրանցից մեկը մտցրեց Կոբիելայի աղավաղված շրթունքների արանքը, և գործն սկսեց կարգավորվել, և խաղը աշխուժացավ, ծխախոտը մխիթարում էր, ծխախոտը հանգստացնում էր, սակայն չէր կարող խանգարել Յան Բրոնսկուն՝ պարտվելու մի խաղափուլը մյուսի ետևից։ Նա քրտնել էր և ինչպես ամեն անգամ, երբ չափից դուրս էր հրապուրվում, լեզվի ծայրը սահեցրեց վերին շրթունքի վրայով։ Նա այն աստիճան բորբոքվեց, որ խաղի եռուն պահին ինձ անվանեց Ալֆրեդ և Մացերատ, իսկ Կոբիելայի մեջ որպես գործընկեր տեսավ իմ խեղճ մայրիկին։ Եվ երբ ինչ֊որ մեկը միջանցքում գոռաց․ «Կոնրադը սպանվեց», նա կշտամբանքով նայեց ինձ վրա և ասաց․ «Ալֆրեդ, խնդրում եմ քեզ, անջատիր ռադիոն։ Թե չէ սեփական ձայնս չի լսվում»։

Սակայն խեղճ Յանը արդեն չափաղանց շատ զայրացավ, երբ ինչ֊որ մեկը բացեց պահեստատան դուռը և ներս մտցրեց հոգին փչող Կոնրադին։

Յանը զայրացավ․

― Փակեք դռները, փչում է։

Եվ իսկապես էլ փչում էր։ Մոմերը կասկածելի թրթռում էին, իսկ հանդարտվեցին միայն այն ժամանակ, երբ մարդիկ, ովքեր Կոնրադին տարան անկյուն, կրկին իրենց ետևից փակեցին դուռը։ Մեր երեքի տեսքերը առավել քան ֆանտաստիկ էին։ Ներքևից մեզ լուսավորում էր մոմերի լույսը՝ մեզ հաղորդելով ամենակարող կախարդների տեսք։ Եվ երբ դրանից հետո Կոբիելան որոշեց առանց երկուսի փոսիկ խաղալ, ես ասացի՝ «քսանյոթ», իսկ հետո՝ «երեսուն», նույնիսկ չասացի, այլ մրթմրթացի, ընդ որում, նրա աչքերը մերթ ընդ մերթ շլանում էին, և նրա աջ ուսի մեջ ինչ֊որ բան էր նստած, որը դեպի դուրս էր խնդրվում, ցնցվում էր, անիմաստ աշխուժություն էր ցուցաբերում, իսկ հետո վերջապես սսկվեց, սակայն դրա փոխարեն այլևս Կոբիելան դեպի առաջ ընկնելուց չէր պահում, ինչից առաջ շարժվեց նամակներով և առանց շալվարակալի հանգուցյալով բեռնված կողովը, երբ Յանը մի կտրուկ շարժումով կանգնեցրեց և՛ Կոբիելային, և՛ կողովը, երբ Կոբիելան, որի հեռացումը կրկին կասեցվեց, ի վերջո խռխռաց՝ «Փոսիկը առանց լրացուցիչ խաղաթղթի», իսկ Յանը կարողացավ շշնջալ՝ «Հակա», իսկ Կոբիելան ասել՝ «Ռե»։ Օսկարը հասկացավ, որ Լեհական փոստատան պաշտպանությունը անցավ բարեհաջող, որ նրանք, ովքեր այժմ գրոհում էին, արդեն տանուլ են տվել հենց նոր սկսված պատերազմը, նույնիսկ եթե ընթացքում նրանց հաջողվի գրավել Ալյասկան ու Տիբեթը, Զատկի կղզիները և Երուսաղեմը։

Միայն մի բանն էր վատ․ Յանը այդպես էլ չկարողացավ հաղթական ավարտին հասցնել իր հրաշալի չորս զինվորներով հայտարարված շնայդերով ու շվարցով երկաթյա գրանտը։

Սկզբում նա խաղարկեց խաչի երկար շարքը, այժմ նա ինձ անվանում է Ագնես, իսկ Կոբիելայի մեջ տեսնում է իր հակառակորդ Մացերատին, անմեղ տեսքով ցած դրեց ագուռի զինվորը՝ ես նախընտրում էի նրա համար դառնալ իմ խեղճ մայրիկին փոխարինողը, այնուհետև սրտի զինվորին, ես վճռականապես դեմ էի, որ ինձ դնեին Մացերատի տեղը, իսկ Յանը անհամբեր սպասում էր, մինչև որ Մացերատը, իսկ իրականում Կոբիելա անունով հաշմանդամ պարետը խաղաքարտերը գցի։ Դրա վրա ժամանակ գնաց, իսկ հետո Յանը հատակին շրխկացրեց սրտի մեկնոցը և չէր կարողանում, և չէր ցանկանում հասկանալ, այդպես էլ երբեք չկարողացավ, նույնչափ կապուտաչյա մնալով, նույն օծանելիքով բուրելով, ախր բացարձակապես չէր հասկանում և այդ իսկ պատճառով չկռահեց, թե ինչու հանկարծ Կոբիելան ցած գցեց խաղաթղթերը, վեր բարձրացրեց նամակներով լի կողովը, մինչև որ նախ նրա մեջ պառկած հանգուցյալը, նրա ետևից նամակների մի խմբաքանակ և վերջապես, ողջ մանրակրկիտ ձևով գործված կողովը ընկան ցած՝ նամակագրության կույտերը շաղ տալով մեր վրա։ Կարծես թե հենց մենք ենք հասցեատերերը, կարծես այժմ մենք էլ պետք է մեր հերթին մի կողմ նետենք խաղաթղթերը և զբաղվենք նամակների ընթերցմամբ կամ էլ նամականիշներ հավաքելով։ Սակայն Յանը չէր ուզում ընթերցել, Յանը չէր ցանկանում նամականիշներ հավաքել, նա արդեն մանկության տարիներին կուշտ հավաքել էր, իսկ այժմ ուզում էր խաղալ, խաղալ֊ավարտել գրանտը, ուզում էր շահել խաղը, ուզում էր հաղթել։ Եվ նա բարձրացրեց Կոբիելային և բարձրացրեց շուռ տված կողովը և այն դրեց անիվների վրա։ Սակայն հանգուցյալին նա ձեռք չտվեց և նա նամակներն էլ չհավաքեց՝ այլ խոսքով կողովը բավականաչափ չբարձեց, սակայն այնուհանդերձ ծայրաստիճան զարմացավ, երբ Կոբիելան, որը կախված էր թեթև շարժական կողովից, նստակյացություն չդրսևորելով էլ ավելի առաջ թեքվեց, մինչև որ Յանը նրա վրա գոռաց․

― Ալֆրեդ, խնդրում եմ քեզ, Ալֆրեդ, մեր խաղը մի փչացրու։ Շուտով խաղը կավարտենք և տուն կգնանք։ Դե լսիր, Ալֆրեդ։

Օսկարը հոգնած տեղից բարձրացավ՝ հաղթահարելով անընդհատ ուժեղացող գլխի ու հոդերի ցավը, իր թմբկահարի փոքրիկ կառչուն ձեռքերը դրեց Յանի ուսերին, ոչ բարձր, սակայն համոզիչ բառեր արտաբերեց․

― Օ, հայրիկ, հանգիստ թող նրան։ Նա մահացել է, նա այլևս չի խաղա։ Եթե ուզում ես, մենք կարող ենք քսանմեկ խաղալ։

Յանը, որին էլ ես հենց նոր հայր անվանեցի, բաց թողեց պարետի մահացած մարմինը, հոսուն երկնագունությամբ հայացքը հառեց իմ վրա և լաց եղավ․

― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ։

Ես շոյեցի նրան, սակայն նա առաջվա պես պնդում էր՝ «ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ»։ Ես բազմանաշանակ համբուրեցի նրան, սակայն նա այժմ չէր կարող մտածել մեկ այլ բանի մասին, քան միայն ավարտին չհասցրած գրանտի։

Հավատա, Ագնես, ես կհաղթեի։ Ես հաստատ հաղթանակած տուն կհայտնվեի։

Իմ խեղճ մայրիկի փոխարեն այդպես նա ինձ էր բողոքում, իսկ ես՝ նրա որդին, համաձայնեցի այդ դերին, ես նրան հավանություն էի տալիս, երդվում էի, որ նա հաստատ կհաղթեր, որ, ճիշտն ասած, նա արդեն հաղթել է, թող դրանում վստահ լինի և թող ամեն ինչում լսի իր Ագնեսին։ Սակայն Յանը չէր հավատում ո՛չ ինձ, ո՛չ մայրիկին։ Սկզբում նա լսելի ձայնով արտասվեց, բարձրաձայն դժգոհեց, այնուհետև անցավ ցածրաձայն անհոդաբաշխ փնթփնթոցի, սառչող սարի՝ Կոբիելայի տակից քաշեց հանեց խաղաթղթերը, սկսեց խառնշտորել նրա ոտքերի միջև նամակների հոծ զանգվածը, նրան ինչ֊որ բան վերադարձրեց, և նա չհանգստացավ, մինչև որ չհավաքեց բոլոր երեսուներկու խաղաթղթերը։ Այնուհետև նա դրանց վրայից սկսեց քերել կպչուն, ջրիկ խյուսը, որը ծորացել էր Կոբիելայի շալվարից, մանրակրկիտ մշակեց յուրաքանչյուր խաղաթուղթը, խառնեց կապուկը, ուզում էր կրկին բաժանել և միայն այդ ժամանակ նրա բարեկզմ ճակատի տակ, որը նույնիսկ ոչ ցածր, չնայած չափից դուրս հարթ, անթափանց մաշկով էր, ծնվեց միտք, որ այս աշխարհում այլևս սկատ խաղալու համար երրորդ խաղընկեր չի մնացել։

Պահեստային կառույցում լռություն տիրեց։ Հավանաբար դրսում ևս մտածեցին երկար րոպեով հարգանքի տուրք մատուցել վերջին խաղացողին և երրորդ խաընկերոջը։ Սակայն Օսկարին թվաց, որ կարծես դուռը անձայն փոքր֊ինչ բացվեց։ Ուսի վրայով նայելով, ոչ երկրայինի ցանկացած դրսևորումներին պատրաստ, նա տեսավ Վիկտոր Վելունի բացառիկ կույր ու դատարկ դեմքը։

― Յան, ես ակնոցս եմ կորցրել, Յան, դու դեռ այստե՞ղ ես։ Պետք է փախչել։ Ֆրանսիացիները կամ ընդհանրապես չեն գա և կամ շատ ուշ կգան։ Գնանք ինձ հետ Յան, ուղեկցիր ինձ, ես կորցրել եմ ակնոցս։

Միգուցե խեղճ Վիկտոր Վելունը որոշեց, որ սխալ սենյակ է ընկել, քանզի չստանալով ո՛չ պատասխան, ո՛չ ակնոց, ո՛չ փախուստի պատրաստ իրեն մեկնած ձեռք, նա իր ակնոցից զրկված դեմքը հեռացրեց, դուռը փակեց, և ես դեռ կարողացա լսել Վելունի մի քանի քայլերը, որը շոշափելով, մառախուղը հաղթահարելով սկսեց իր փախուստը։

Իսկ ի՞նչ հետաքրքրաշարժ բան էր տեղի ունենում Յանի գլխի մեջ, որի պատճառով նա սկզբում թույլ, դեռ ձայնի մեջ լսելի արտասուքով, սակայն հետո բարձրաձայն և ուրախ ծիծաղեց, սկսեց խաղալ իր թարմ վարդագույն լեզվով, որը սրված էր ամեն կարգի քնքշությունների համար, խաղաթղթերը նետեց վեր, բռնեց ու վերջապես, քանի որ չխոսող մարկանցով ու չխոսող նամակներով պահեստարանում կիրակնօրյա հանդիսավոր լռություն տիրեց, զգույշ, ճշգրիտ շարժումներով, շունչը պահելով, սկսեց կառուցել գերփխրուն խաղաթղթե տնակ։ Ագռավի յոթնոցը և խաչի աղջիկը ընկան հիմքի կառուցվածքում, նրանց ծածկեց ագուռի թագավորը։ Ինը փոսիկներից ու ագռավի մեկնոցից նա առաջինը կողքի երկրորդ հիմքը գցեց՝ որպես տանիք օգտագործելով խաչի ութնոցը, այնուհետև երկու հիմքերը իրար կապեց կողքի վրա կանգնեցված տասանոցներով ու զինվորներով, որոնց լայնքով դրվեցին աղջիկներն ու մեկնոցները այնպես, որպեսզի նրանք բոլորը փոխադարձաբար նեցուկ լինեին միմյանց։ Հետո նա որոշեց կառուցել երկրորդ հարկը և երրորդ ու դա անում էր ձեռքի կախարդող շարժումներով, որոնք, պետք է ենթադրել, որ ենթարկվելով նմանատիպ ընթացակարգին, գիտեր նաև իմ խեղճ մայրիկը։ Եվ երբ նա սրտի աղջիկը հենեց նույնպես կարմիր սրտով նմանատիպ թագավորին, շենքը ամենևին էլ չփլվեց, ոչ, այն շարունակում էր կանգուն մնալ՝ թեթև, փխրուն, կանգնում էր իր թեթև շնչելով մի կառույցում, որը լի էր անշունչ և կենդանի, շունչները պահած մարմիններով, թույլ տալով մեզ ձեռքներս ծալել, ստիպելով հոռետեսորեն տրամադրված Օսկարին, որը բոլոր կանոններով զննում էր իր խաղաթղթե տնակը, մոռանալ կծու ծխախոտի ու գարշահոտի մասին, որոնք գալարվելով ու ժլատորեն ներս էին թափանցում դռան ճեղքերով, ստեղծում էր այնպիսի տպավորություն, կարծես խաղաթղթե տնակով խցիկը անմիջականորեն, դուռ դռան վրա, հարում էր տարտարոսին։

Նրանք՝ փողոցում գտնվողները, ճակատային գրոհից վախենալով, գործի էին դրել հրանետները, նրանք որոշել էին վերջին պաշտպաններին ուղղակի դուրս հանել ծխախեղդ անելով և դոկտոր Միխոնին հասցրեցին այն վիճակի, որ նա հանեց պողպատյա սաղավարտը, վերցրեց սավանը, համարելով, որ այն բավականաչափ համոզիչ չէ, դրան ավելացրեց իր ծոցագրպանից հանած ջենթլմենական թաշկինակը և, զույգ դրոշակները թափ տալով, տեղեկացրեց Լեհական փոստատան հանձնման մասին։

Եվ բոլորը՝ մոտավորապես երեսուն կիսակույր, խանձված մարդիկ, վեր բարձրացրած ձեռքերը ծոծրակի մասում խաչելով, ձախ օժանդակ դռնով լքեցին փոստատան շենքը և հասան պատին, որտեղ սպասեցին դանդաղ մոտեցող էսէսական աշխարհազորայիններին։ Այնուհետև լուրեր պտտվեցին, որ այն կարճ ժամանակահատվածում, երբ փոստատան պաշտպանները արդեն շարվել էին բակում, իսկ գրոհողները թեկուզ և առաջ էին շարժվում, սակայն դեռ չէին մոտեցել, չորսը կամ հինգը փախչելով փրկվեցին փոստատան ավտոկանգառի միջով, դրան հարակից ոստիկանության ավտոկանգառի միջով, Ռեմի վրայի դատարկ, բնակիչների կողմից լքված տների միջով։ Այնտեղ նրանք իրենց համար հագուստ գտան, նույնիսկ կուսակցական նշաններով, լվացվեցին, դուրս գալու համար շքերթային հանդերձներ հագան, իսկ հետո առանձին֊առանձին հեռացան, ընդ որում նրանցից մեկի մասին խոսում էին նույնիսկ այսպես․ Հին քաղաքի Գրաբեն փողոցում նա այցելել է օպտիկայի խանութ, կարգադրել է իր համար ակնոց ընտրել, քանզի իրենը փոստատան մարտական գործողությունների ժամանակ կորցրել էր։ Եվ նոր ակնոց ձեռք բերելով՝ Վիկտոր Վելունը, իսկ դա հենց նա էր, նույնիսկ իրեն թույլ է տվել փայտանյութի շուկայում մեկ բաժակ գարեջուր խմել, հետո էլի մեկը, որովհետև աշխատանքը նրա մոտ ուժեղ ծարավ էր առաջ բերել, ինչից հետո նոր ակնոցով, որը թեև մասամբ ցրել էր նրա հայացքի առաջ եղած մառախուղը, սակայն ամենևին ոչ այնչափ, որչափ դա անում էր հին ակնոցը, սկսեց իր փախուստը, որը շարունակվում է մինչև օրս՝ նման համառություն են ցուցաբերում նրան հետապնդողները։

Իսկ մնացածները, իսկ ինչպես ասացի, նրանք թվով մոտ երեսունն էին, որ չհամարձակվեցին փախչել, արդեն կանգնած էին կողային մուտքի պատի մոտ, ճիշտ և ճիշտ այն րոպեին, երբ Յանը սրտի աղջիկը հենել էր նույն համագույնի թագավորի վրա և երանելի տեսքով ետ տարել ձեռքերը։

Դե ինչ կարելի է ավելացնել։ Նրանք մեզ գտան, նրանք գոռգոռացին՝ «Հլա մի դուրս արի», նրանք իրենց ազատություն տվեցին, նրանք ներս թողեցին միջանցիկ քամուն, որը փլեց խաղաթղթե տնակը։ Նրանք չէին հասկանում նմանատիպ ճարտարապետություն։ Նրանք նախընտրում էին բետոնը։

Նրանք հավերժության համար էին կառուցում։ Նրանք փոստային քարտուղար Բրոնսկու նեղացած, զարմացած դեմքի վրա նույնիսկ ուշադրություն չդարձրեցին։ Իսկ սենյակից նրան հանելով՝ նրանք չնկատեցին, որ նա մեկ անգամ ևս ձեռքը մտցրեց խաղաթղթերի մեջ և ինչ֊որ բան վերցրեց, որ ես՝ Օսկարս, մոմերի մնացորդները պոկեցի իմ նոր ձեռք բերած թմբուկի վրայից, թմբուկը տարա իմ ետևից, բանի տեղ չդրեցի մոմերի մնացորդների վրա, քանզի գրպանի լապտերները առանց այն էլ մեզ համար չափազամց շատ էին լույս տալիս, և էլի նրանք չնկատեցին, որ նրանց լամպերը մեզ կուրացրել են և թույլ չեն տալիս, որ գտնենք դուռը։ Իրենց հրամանատարական լապտերների ետևում կանգնած ու հրացանները պատրաստ բռնած, նրանք գոռում էին՝ «Հլա մի դո՛ւրս արի»։ Նրանք շարունակում էին գոռալ, նույնիսկ երբ մենք Յանի հետ արդեն վաղուց կանգնած էինք միջանցքում։ Նրանց «դո՛ւրս արին» հասցեագրված էր Կոբիելային, Վարշավայից եկած Կոնրադին և Բոբեկին էլ ու փոքրամարմին Վիշնևսկուն, որը կենդանության օրոք նստած էր հեռագրերի ընդունման վրա։ Այդ պահին, քանի որ նրանք չէին ուզում ենթարկվել, նրանք բոլորը վախեցած էին, և երբ միայն աշխարհազորայինները հասկացան, որ իմ ու Յանի առջև ծիծաղի առարկա են դարձել, որովհետև նրանց «դուրս արի» ոռնոցին ես պատասխանում էի բարձր ծիծաղով, նրանք դադարեցին ոռնալ և ասացին․ «Ախ, ահա թե ինչ», և մեզ դուրս բերեցին փոստատան բակ, այն երեսունի մոտ, ովքեր կանգնած էին՝ ձեռքերը բարձրացրած ու մատները ծոծրակի մասում խաչաձև ծալած և ծարավից մահանում էին, իսկ «Վոխենշաուն» նրանց նկարում էր։

Նոր էին մեզ կողային ելքով հանել դուրս, երբ «Վոխենշաուից» մարդիկ մեր կողմը ուղղեցին մեքենաների վրա ամրացրած իրենց խցիկները և նկարահանեցին մեր մասին այն կարճ ֆիլմը, որն այնուհետև պտտեցնում էին բոլոր կինոթատրոններում։ Ինձ առանձնացրեցին պատի մոտ կանգնած խմբից։ Օսկարը վերհիշեց իր թզուկային չափսերի մասին, ամեն ինչ արդարացնող իր երեք տարեկանի հասակի մասին, կրկին զգաց գլխի ու հոդերի մասերում ձանձրացնող ցավը, թմբուկի հետ մեկտեղ ընկավ, սկսեց ջղաձգվել՝ նոպան կիսով չափ տանելով, կիսով չափ ձևացնելով, սակայն նոպայի ժամանակ ևս իր թմբուկը ձեռքից բաց չթողեց։ Իսկ երբ նրանք նրան բռնեցին ու հրեցին էսէսական աշխարհազորայինների ծառայողական մեքենայի մեջ, երբ մեքենան շարժվեց, որպեսզի նրան հասցնի քաղաքային հիվանդանոց, Օսկարը դեռ հասցրեց տեսնել, որ Յանը, անիմաստ և երանելի կերպով ծիծաղում է՝ իր բարձրացրած ձեռքերի մեջ մի քանի քաղաթուղթ բռնած և թափահարում է իր ձախ ձեռքը, որի մեջ, իմ կարծիքով, սեղմած պահել էր սրտի աղջկա թալիսմանը։


Նա հանգչում է Զասպեում

Ես հենց նոր վերջին պարբերությունը կրկին ընթերցեցի և, կարդացածիցս դժգոհ եմ, այն, այնուամենայնիվ, պատկանում է Օսկարի գրչին, քանզի նրան՝ այդ գրչին, հաջողվեց, հակիրճ ամփոփելով, որոշ տեղերում միտումնավոր հակիրճ ամփոփման ոգով չափազննել և կամ էլ ընդհանրապես ստել։

Իսկ ես մտադիր եմ մնալ ճշմարտության շրջանակներում, Օսկարի գրչին թիկունքից հարված հասցնել և այս տեղում պատմել, որ նախ և առաջ, Յանի վերջին խաղը, որը դժբախտաբար նա չկարողացավ հասցնել ավարտին և հաղթել, ամենևին էլ գրանտ չէր, այլ առանց երկուսի ագուռ, որ, նախ և երկրորդ, նամակների պահեստարանը լքելով, Օսկարը իր հետ ոչ միայն նոր թմբուկը վերցրեց, այլ նաև ճմռթածը, որն առանց շալվարակալների, հանգուցյալի ու նամակների հետ դուրս թափվեց կողովից։ Եվ ահա թե ինչ է պետք նաև ավելացնել․ հենց նոր էինք մենք Յանի հետ լքել պահեստարանը, որովհետև աշխարհազորյինները «դուրս արի» գոռոցներով, գրպանի լապտերներով ու հրացաններով համառորեն իրենցն էին պնդում, Օսկարը, պաշտպանություն փնտրելով, խցկվեց քիչ թե շատ բարի տեսք ունեցող երկու աշխարհազորային֊հորեղբայրների միջև։ խղճահարույց լաց պատկերեց և մեղադրական շարժումով մատնացույց արեց իր հորը՝ Յանին, ինչը անմիջապես խեղճին վերածվեց չարագործի, որն անմեղ երեխային բանտարկել էր Լեհական փոստատան շենքում, որպեսզի իրապես լեհական անմարդկությամբ նրան գնդակի համար թիրախ դարձներ։

Նման տաղկտակլի պահվածքից Օսկարը ակնհայտորեն օգուտ էր սպասում իր նոր ու ճմռթված թմբուկի համար և նա իր հաշվարկներում չսխալվեց․ աշխարհազորայինները ոտքերով հարվածում էին Յանի թիկունքին, խփում էին նրան հրացանի կոթերով, սակայն դրա փոխարեն ինձ թողեցին երկու թմբուկները, և արդեն ոչ երիտասարդ մի աշխարհազորային, բերանի ու քթի մոտ մտահոգված ընտանիքի հոր վշտալի ծալքերով, թփթփացրեց իմ այտին, այն դեպքում, երբ մյուսը՝ անընդհատ ժպտացող և այդ իսկ պատճառով էլ երիտասարդ մնացածը, իր՝ հայացքից թաքնված աչքերով ինձ զննեց, ինչը ինձ տհաճություն պատճառեց։

Այսօր, երբ ես ժամանակ առ ժամանակ ամոթի զգացում եմ ունենում այդ անվայել արարքի համար, շարունակ կրկնում եմ, չէ՞ որ միևնույն է, Յանը ոչինչ չնկատեց, նրա մտքերը զբաղված էին խաղաթղթերով, նա հետագայում էլ ոչ մի այլ բանի մասին չէր մտածում, նրան աշխարհում ոչ մի այլ բան, նույնիսկ աշխարհազորայինների ամենահետաքրքրաշարժ կամ ամենասատանայական նրբացածության հնարքները չէին կարող նրան շեղել խաղաթղթերից։ Այն ժամանակ, երբ Յանը կենում էր խաղաթղթե տնակների լեռնային թագավորությունում ու երանությամբ ապրում էր այն տանը, որը կառուցել էր հանուն այդ երջանկության, մենք, այսինքն՝ աշխարհազորայիններն ու ես, քանզի Օսկարը իրեն դասում էր աշխարհազորայինների շարքը, դեռևս կանգնած էինք սալիկներով շարված հատակին, աղյուսե պատերով շրջապատված, ծեփակերտ առաստաղների տակ։ Դրանք այն աստիճան ջղաձիգ էին հյուսվել պատերի ու միջնորմի հետ, որ այդ օրը կարելի էր զգուշանալ ամենասարսափելիից։ Եվ այդ ամենը կոչում են ճարտարապետություն, այնինչ դա ընդամենը հաստ ստվարաթղթերի մի կույտ է, ուր ամեն մի կտոր մի կերպ պահում է մյուսին։ Դե, իհարկե, այս ուշացած հետևությունը ինձ ոչ մի կերպ չի արդարացնում, նամանավանդ, որ ինձ, ով շինարարական անտառանյութ տեսնելիս անխուսափելիորեն մտածում է քանդման հետ կապված հանգամանքների մասին, խորթ չէր պատկերացումը խաղաթղթե տնակների մասին՝ որպես մարդու միակ արժանի բնակավայրի։ Ասվածին կարելի է ավելացնել նաև հուսահատեցնող ընտանեկան վիճակը։ Չէ՞ որ այդ օրը ես հաստատ համոզված էի, որ Յան Բրոնսկին ոչ միայն իմ մորեղբայրն է, այլև ամենաիսկական, այլ ոչ ենթադրայլ հայրը։ Բոլոր ժամանակների համար նրան Մացերատից բաժանող մի յուրօրինակ առաջընթաց, քանզի Մացերատը կամ եղել է իմ հայրը, կամ ընդհանրապես ոչինչը։

Երեսունինը թվի սեպտեմբերի մեկով եմ ես թվագրում իմ երկրորդ մեծ մեղքը, իսկ ես հիմք եմ ընդունում այն ենթադրությունը, որ դուք ևս այս չարաղետ օրն եք ի դեմս խաղաթղթերով բարեհաջող ժամանակ անցկացնող Յան Բրոնսկուն ճանաչել իմ հորը։ Ես այլևս չեմ կարող ինձանից թաքցնել, նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվում եմ ամենախղճալի տրամադրության մեջ, իմ թմբուկը, դե ոչ, ինչու հենց թմբուկը, ես ինքս, թմբկահար Օսկարս, սկզբում գերեզման հասցրեցի իմ խեղճ մայրիկին, իսկ հետո՝ Յան Բրոնսկուն՝ իմ հորն ու մորղեբորը։

Սակայն այն օրերին, երբ մեղքի կոպիտ զգացումը, որը սենյակից ոչ մի կերպ չես վռնդի, ինձ սեղմում է հիվանդասենյակի մահճակալի բարձերին, ես, ինչպես և բոլոր մարդիկ, թաքցնում եմ իմ այն ժամանակ մոդայիկ դարձած և մինչ օրս էլ որպես չարամիտ գլխարկ մեկից ավելի գլուխներ զարդարող անիմացությունը։ Օսկարին, ամեն ինչից անտեղյակ խորամանկին, լեհական բարբարոսության անմեղ զոհին, Օսկարին բարձր ջերմությամբ և նյարդերի բորբոքմամբ հասցրեցին քաղաքային հիվանդանոց։ Տեղեկացրին Մացերատին։ Իմ անհետացման մասին նա արդեն նախորդ երեկոյան էր հայտարարել՝ չնայած դեռևս չէր կարելի համոզված ասել, որ ես հատկապես նրան եմ պատկանում։

Իսկ այն երեսուն մարդուն, որոնց թվին պետք է ավելացնել նաև Յանին, բարձրացրած ձեռքերով և ծոծրակի մասում խաչած ափերով, այն բանից հետո, երբ «Վոխենշաուն» արեց համապատասխան նկարահանումները, սկզբում տարան Վիկտորիայի դպրոց, որն այդ նպատակով մաքրել էին, այնուհետև նրանց ընդունեց Շիստանգե բանտը և, վերջապես, հոկտեմբերի սկզբին, լքված, իր դարն ապրած Զասպեի գերեզմանատան պատի այն կողմի փխրուն ավազը։

Որտեղից դա գիտի Օսկարը։ Ես դա գիտեմ Լեո Խենթուկից, որովհետև հասկանալի է, որ պաշտոնական որևէ հայտարարություն չեղավ այն մասին, թե որ պատի ետևում, որ ավազի վրա գնդակահարեցին երեսունմեկ մարդուն, որ ավազի մեջ երեսունմեկին թաղեցին։

Սկզբում Հեդվիգ Բրոնսկին ծանուցագիր ստացավ Ռինգշտրասեի փողոցի բնակարանը ազատելու վերաբերյալ, այնտեղ պետք է տեղափոխվեր ինչ֊որ մի ավստրիացի բարձրաստիճան սպայի ընտանիք։ Մինչ Ստեֆանի օգնությամբ հավաքում էր իրերը, պատրաստվելով տեղափոխվել Ռամկաու, որտեղ նրանք իրենց պատկանող մի քանի հեկտար անտառ, վարելահող և դրան ավելացրած վարձակալած բնակարան ունեին, այրուն ուղարկեցին ծանուցագիր, որը նրա աչքերը, որոնք թեև արտացոլում, սակայն չէին հասկանում այս աշխարհի ողբը, միայն դանդաղ և այն էլ Ստեֆանի օգնությամբ, կարողացան հասկանալ, ի վերջո հասնելով իմաստին, որը պաշտոնապես, սևով սպիտակի վրա, նրան հայտարարում էր այրի։ Իսկ այնտեղ ասվում էր հետևյալը․

«― Սբ․ Լ․ Էբերհարդի խմբի

― Դատական գրասենյակ 41/139

― Սոպոտ, 6 հոկտեմբերի1939

― Տիկին Հեդվիգ Բրոնսկի

― հրահանգի համաձայն հայտնում ենք Ձեզ, որ Յան Բրոնսկին հակաօրինական արարքների համար զինվորական դատարանի որոշմամբ դատապարտված է մահապատժի, որպիսին ի կատար է ածված։

―Ցելևսկի

― Դաշտային դատարանի տեսուչ»։

Ինչպես տեսնում եք, Զասպեի մասին ոչ մի խոսք։ Դա նրանք էին այդպես հոգ տարել հարազատների ու ազգականների մասին՝ նրանց ազատելով չափից դուրս ծավալուն և անչափ շատ ծաղիկներ կլանող եղբայրական գերեզմանը խնամելու ծախսերը հոգալուց և խնամքը ու հնարավոր ամենատարբեր վերահուղարկավորումները վերցրեցին իրենց վրա, հավասարեցրին գերեզմանատան ավազը։ Հավաքեցին բոլոր փամփուշտների պարկուճները՝ բացի մեկից, որովհետև միշտ էլ ինչ֊որ տեղ ընկած կլինի, քանզի ամենուր դեն նետված պարկուճները աղճատում են պարկեշտ գերեզմանատան տեսքը՝ չնայած այնտեղ արդեն վաղուց ոչ մեկին չեն թաղում։

Եվ ահա այդ միակ պարկուճը, որը միշտ էլ ինչ֊որ տեղ ընկած կլինի, և որի մեջ է կայանում ողջ էությունը, գտել էր Խենթուկ Լեոն, որի աչքերից թաքուն չէր մնա ոչ մի թեկուզ ամենագաղտնի թաղում։ Նա, որ ինձ հիշում էր իմ խեղճ մայրիկի թաղումից, իմ սպիներով պատված ընկեր Հերբերթ Տրուչինսկու մահվանից, նա, ով անկասկած գիտեր նաև, թե որտեղ հողով ծածկեցին Սիգիզմունդ Մարկուսի մարմինը, սակայն երանության մեջ էր, ուրախությունից իրեն կորցրել էր, երբ նոյեմբերի վերջին ինձ հենց նոր դուրս էին գրել հիվանդանոցից, կարողացավ այդ դավաճան պարկուճը հանձնել ինձ։

Սակայն ավելի շուտ, քան ես Լեոյի ետևից գնացի այդ արդեն փոքր֊ինչ ժանգոտված պատյանով, որի մեջ էր միգուցե գտնվել հատկապես հենց Յանի արճիճե միջուկը, ավելի շուտ, քան ձեզ Զասպեի գերեզմանատուն տեղափոխելը, ես ձեզ պետք է խնդրեմ Դանցիգի քաղաքյին հիվանդանոցների երկաթյա մահճակալը համեմատել տեղական բուժհիմնարկության նույնպես մետաղյա մահճակալի հետ։ Երկու մահճակալներն էլ պատված են սպիտակ լաքով և այնուամենայնիվ իրար նման չեն։ Չնայած երկարությամբ չափելիս մանկական բաժանմունքի մահճակալը ավելի կարճ է, սակայն դրա փոխարեն ավելի բարձր է, եթե մետրը մոտեցնենք ցանկապատին։ Եվ չնայած ես գերադասում եմ երեսունինը թվի կարճ ու բարձր ճաղավանդակով արկղը, հենց իմ այսօրվա՝ մեծահասակների համար նախատեսված, փոխզիջումային մահճակալի վրա ինձ հաջողվեց ձեռք բերել իմ բավական խոցելի դարձած հանգիստը։ Այդ իսկ պատճառով ամբողջապես իմ հիմնարկության տնօրենին եմ վերավստահում մերժման կամ, հակառակը, բավարարման իրավունքը իմ արդեն մի քանի ամիս առաջ տրված դիմումի, որով խնդրում էի ավելի բարձր, սակայն նույնպիսի մետաղական և սպիտակ լաքով պատված ճաղավանդակով մահճակալ։

Եթե այսօր ես, կարելի է ասել, բացարձակապես անպաշտպան եմ այցելուների դեմ, ապա դանցիգյան հիվանդանոցում բարձր ցանկապատը ինձ բաժանում էր Մացերատից, այցելուներ Գրեֆ և Շեֆլեր ամուսիններից, իսկ հիվանդանոցում իմ մնալու ավարտին մոտ այդ նույն ճաղավանդակը բաժանում էր ինձ չորս շրջազգեստներ հագած մի կույտից, որը կրում էր իմ տատիկի անունը՝ Աննա Բրոնսկի։ Նա գալիս էր, ժամանակ առ ժամանակ վեր էր կարկառում իր մեծ կնճռոտ ձեռքերը՝ ցուցադրելով ափերի վարդագույն ճաքերը, այնուհետև կարոտով ձեռքերը գցում էր ցած, և ափերը ծափ էին տալիս ազդրերի վրա, այնպես, որ այդ ծափի գույնը չնայած մինչ օրս ապրում է իմ մեջ, սակայն իմ թմբուկի վրա հնարավոր է դրա միայն մոտավոր վերարտադրությունը։

Գալով առաջին անգամ, նա իր հետ բերեց Վինցենտ եղբորը, որը կառչելով մահճակալի ճաղավանդակից, ցածր ձայնով, սակայն առանց կանգ առնելու և ներքին համոզվածության պատմում էր կամ երգում, կամ երգելով պատմում լեհական թագուհու մասին, Կույս Մարիամի մասին։ Օսկարը շատ ուրախ էր լինում, եթե այդ երկուսի հետ մոտակայքում էր լինում նաև հիվանդասենյակի քույրը։ Չէ՞ որ երկուսն էլ ինձ մեղադրում էին։ Երկուսն էլ ինձ էին ներկայացնում Բրոնսկի ցեղի չմառախլապատված աչքերը, երկուսն էլ հույս ունեին լսել ինձանից, որ դժվարությամբ էր հաղթահարում նյարդային տենդը, Լեհական փոստատան թղթախաղի հետևանքը՝ գոնե մեկ ակնարկ, ցավակցանքի գոնե մեկ խոսք, լսողներին խնայող պատմություն Յանի վերջին ժամերի մասին, որոնք նա վերապրեց վախի ու սկատի մեջ։ Նրանք ուզում էին լսել խոստովանություն, ուզում էին Յանի արդարացումը, կարծես թե ես կարող էի նրան մաքրել, կարծես իմ վկայությունը կարող էր ծանրակշիռ ու համոզիչ լինել։

Եվ կամ ինչ կարող էր ներշնչել իմ հաշվետվությունը Էբերհարդի նախագահությամբ դատական կոլեգիային։ Իբր ես՝ Օսկարս, խոստովանում եմ, որ սեպտեմբերի մեկի նախօրեին երեկոյան ճամփից բռնեցի Յան Բրոնսկուն, երբ նա գնում էր իր տուն, և, վերանորոգման կարիք ունեցող թմբուկի օգնությամբ խորամանկելով, նրան տարա հենց այն շենքը, որը Յան Բրոնսկին մինչ այդ լքել էր, քանի որ չէր ցանկացել այն պաշտպանել։

Օսկարը նման խոստովանություն չարեց, իր ենթադրյալ հոր վրայից մեղքը չհանեց, սակայն նոր էր նա ցանկացել դառնալ վկա, նրա վրա այնպիսի ջղաձգություններ տեղացին, որ քրոջ պահանջով առաջիկայում նրա համար այցելությունների ժամերը սահմանափակվեցին, իսկ Աննա տատիկի ու ենթադրյալ Վինցենտ պապիկի այցելություններն ընդհանրապես արգելվեցին։

Երբ երկու ծերեըը՝ նրանք Բիսաուից ոտքով էին եկել ինձ մոտ, խնձոր էին բերել չափազանցված զգուշությամբ, մոլորված, ինչպես դա բնորոշ է գյուղաբնակներին, լքում էին հիվանդանոցի մանկական բաժանմունքը և այն նույն արագությամբ, որով հեռանում էին տատիկի ծփացող շրջազգեստները, և նրա եղբոր՝ աթարի հոտ արձակող կոստյումը, մեծանում էր նաև իմ մեղքը, իմ մեծ մեղքը։

Որքան շատ բան կարող է տեղի ունենալ մեկ և միևնույն ժամանակ։ Մինչ իմ մահճակալի առջև միմյանց էին սեղմվել Մացերատը, Գրեֆները՝ մրգերով ու թխվածքներով ծանրաբեռ, Բիսաուից ոտքով ինձ մոտ էին գալիս Շեֆլերները՝ Գոլդկրուգով և Բրենտաուով, քանի որ Կարթհաուսից մինչև Լանգֆուրան ընկած ճանապարհը դեռ ազատ չէր։ Մինչ խելքահան անող սպիտակազգեստ գթության քույրերը միմյանց էին փոխանցում ամեն կարգի հիվանդանոցային բամբասանքները և մանկական բաժանմունքում փոխարինում էին հրեշտակներին, Լեհաստանը դեռ չէր կործանվել, հետո նա, այնուամենայնիվ, կործանվեց և, վերջապես, հանրահայտ տասնութ օրերից հետո կործանվեց վերջնականապես։ Չնայած շուտով պարզվեց, որ Լեհաստանը դեռևս չի կործանվել, ինչպես, ի հեճուկս սիլեզյան և արևելապրուսական հայրենակցությունների, այժմ էլ Լեհաստանը, միևնույն է, չի կործանվել։

Օ, այդ խելագար հեծելազորը։ Ձիերի վրա հեծած՝ երկար նիզակների սուր ծայրերի վրա սպիտակակարմիր պատվադրոշներով։ Հեծելավաշտեր, ողբ և ավանդույթ։ Գրոհներ, որոնք կարծես վերցված են նկարազարդ գրքերից։ Դաշտերով, մարգագետիններով՝ Լոգի ու Կուտնոյի մոտ։ Ճեղքել Մոդլին ամրոցի պաշարման օղակը։ Օ, ինչպիսի հրաշալի կարգ։ Երեկոյան՝ արևամուտքի մշտական սպասումների մեջ։ Հեծելազորը միայն այն ժամանակ է գրոհում, երբ ապահովված է ճոխ առաջնային ու ճոխ ետին պլանը, քանզի ճակատամարտը գեղապատկեր է, քանզի մահը նկարչի վրձնին արժանի բնորդ է, կանգնել միանգամից հենակետ հանդիսացող և առաջ դրված ոտքի վրա, հետո տեղից պոկվել՝ արշավելու ժամանակ հապալասու ու մասրենու պտուղներ վայելելով, իսկ պտուղներն ընկնում ու ճեղքվում են, նրանք քոր են առաջացնում, առանց որի հեծելազորը տեղահանել չի լինի։ Ուլանները, նրանց մոտ կրկին քոր է, այնտեղ են, որտեղ ծղոտի դեզերն են, նրանք ետ են շրջում իրենց ձիերին, և սա ևս ավարտուն տեսարան է, ու խմբավորվում են մեկի ետևում, Իսպանիայում նրա անունը Դոն Քիշոտ է, իսկ այստեղ՝ պան Քիշոտ։ Նա տխուր ազնվության կերպարի զտարյուն լեհ է, հենց նա է իր ուլաններին սովորեցրել համբուրել առանց ձիուց իջնելու, այնպես, որ նրանք կրկին ու կրկին նրբակիրթ ձևով համբուրում էին մահվան ձեռքը, կարծես դա ոչ թե մահ, այլ տիկին է, սակայն, որպես սկիզբ, նրանք խմբավորվում էին՝ իրենց ետևում ունենալով երեկոյան արևամուտը, քանզի նրանց պահեստային ուժը կոչվում է տրամադրություն, իսկ առջևում գերմանական տանկերն են, առջևում պարոն Կրուպ ֆոն Բոլենի ու Հալբախի արշավային ձիանոցների հովատակներն են, առավել ազնվացեղ ոչինչ թամբի տակ չէր անցել։ Սակայն այստեղ մահվան մեջ ճամփան կորցրած կիսաիսպանացի, կիսալեհ ասպետը, պան Քիշոտ շքանշան չէ, իջեցնում է պատվադրոշով նիզակը, սպիտակակարմիր պատվադրոշը ձեզ կոչ է անում, որ համբուրեք ձեռքը, որ մայրամուտի ապիտակակարմիր արագիլները կափկափեն տանիքների վրա, որ բալերը դուրս թքեն իրենց կորիզները։ Կոչ է անում հեծելազորին․ «Օ, դուք ազնվաբարո լեհեր, հեծյալներ, մեր առջև կանգնածները տանկեր չեն պողպատյա, դրանք հողմաղացներ են կամ ընդհանրապես ոչխարներ, ես կոչ եմ անում ձեռքը համբուրել»։

Եվ ահա կրուպովյան պողպատե հեծելավաշտերը մայրամուտին սկսում են շարժվել դեպի մոխրագույն թևերը՝ երեկոն էլ ավելի կարմիր դարձնելով։

Հուսով եմ, որ Օսկարին կներեն ճակատամարտի այս նկարագրության ոչ դիտավորյալ և միաժամանակ նկատելի բանաստեղծականության համար։ Հնարավոր է, որ ավելի խելամիտ կլիներ, եթե ես հայտնեի լեհական հեծելազորի կորուստների թիվը և ներկայացնեի վիճակագրական տվյալները, որոնք չոր ներթափանցությամբ կհարգեին, այսպես ասած, լեհական արշավանքի հիշատակը։ Ես կարող էի, հարցումներին ընդառաջ գնալով, այստեղ աստղանիշ դնել՝ խոստանալով իր ժամանակին ծանոթագրություն տալ և այդ իսկ պատճառով իմին ձեռք չտալ, թող որ իր համար մնա։

Մոտավորապես մինչև սեպտեմբերի քսանը հիվանդանոցային իմ մահճակալի վրա պառկած մնալով՝ ես լսում էի համազարկերը այն հրետանային մարտկոցների, որոնք զբաղեցրել էին Յեշքենթալյան ու Օլիվյան անտառների բարձրունքները։ Հետո հայտնվեց դիմադրության վերջին պատվարը՝ Հելա թերակղզին, Դանցիգ֊Ազատ քաղաքը կարող էր տոնել Գերմանական մեծ ռայխին իր աղյուսե գոթիկայի միացումը։ Յանի աչքերի գույնը, որը համընկնում էր դրոշի գույներից մեկի հետ, հաջողություն ուներ կանանց մոտ։ Նա պտտվում էր սև «մերսեդեսի» մեջ կանգնած և գրեթե առանց շունչ քաշելու, ձեռքը ուղիղ անկյան տակ վեր էր նետում՝ Ֆյուրերին ու ռայխսֆյուրերին։

Հոկտեմբերի կեսին Օսկարին քաղաքային հիվանդանոցից դուրս գրեցին։ Ինձ համար ծանր էր այնտեղի քույրերի հետ հրաժեշտը։ Եվ երբ քույրը, որին ոչ այն է Բերնի, ոչ այն է Էրնի էին անվանում, երբ, ինչպես ասացի, այդ Բերնի կամ Էրնի անունով քույրը իմ երկու թմբուկները մեկնեց ինձ, հաշմվածը, որն ինձ դարձրեց մեղավոր և անվնասը, որը ես ձեռք էի բերել Լեհական փոստատան պաշտպանության ժամանակ, ես հստակ գիտակցեցի, որ այս աշխարհում ինձ համար թիթեղյա թմբուկներից բացի գոյություն ունի նաև մի ուրիշ բան՝ բուժքույրը։

Թարմ գոծիքով հանդերձված և նոր գիտելիքներով զինված՝ ես, բռնելով Մացերատի ձեռքը, լքեցի հիվանդանոցը, որպեսզի հավերժ երեք տարեկանի ոտքերիս վրա դեռ ամուր կանգնել չկարողանալով, ինձ նվիրեմ առօրյային, առօրյա ձանձրույթին և Լաբեսվիգ փողոցի՝ առաջին պատերազմական տարվա էլ ավելի ձանձրալի կիրակիներին։

Նոյեմբերի վերջին երեքշաբթի օրը, չարիք չպատճառող վարչախմբից մեկ շաբաթ անց, ես առաջին անգամ դուրս եկա տանից՝ Մաքս֊Հալբե֊պլացում և Բրոյզեներվեգի անկյունում մռայլ թմբկահարելով և գարշելի ցուրտը գրեթե չնկատելով, Օսկարը հանդիպեց հոգևոր սեմինարիայի նախկին ունկնդիր Լեո Խենթուկին։

Մենք երկար ժամանակ շփոթված կանգնել էինք դեմ֊դիմաց, սակայն միայն այն ժամանակ, երբ Լեոն իր վերարկուի գրպաններից դուրս հանեց լայկաի ձեռնոցները և այդ դեղնավուն, խամրած, մարդկային մաշկին նմանվող պատյանը սկսեց քաշել մատների ու ափերի վրա, ես հասկացա, թե ում առջև եմ կանգնած, և այստեղ Օսկարը իրական սարսափ զգաց։

Մենք էլի հայացքով խորասուզվեցինք Կայզերի սուրճի խանութի ցուցափեղկի մեջ, աչքերով ուղեկցեցինք հինգերորդ և իններորդ երթուղու մի քանի տրամվայներ, որոնք այդ պահին խաչաձևվում էին Մաքս֊Հալբե֊պլացում, հետո սկսեցինք քայլել Բրյոզեգ փողոցի միօրինակ տների երկայնքով, մի քանի անգամ պտտվեցինք թատերական ծրագրերի ցածրիկ սյան շուրջը, ուսումնասիրեցինք հայտարարություննները, որոնք տեղեկացնում էին դանցիգյան գուլդենները գերմանական ռայխսմարկով փոխանակելու մասին, եղունգներով քերեցինք պերսիլի գովազդը։ Սպիտակը և կապույտը քերելով՝ հասանք մինչև կարմիրը, դրանով բավարարվեցինք, ցանկացանք կրկին վերադառնալ հրապարակ, սակայն այստեղ Լեոն իր զույգ ձեռնոցներով Օսկարին հրելով մտցրեց ինչ֊որ մուտք, սկզբից հանեց ձեռնոցի մեջ մտցրած ձախ ձեռքի մատները, հետո դրանք մտցրեց իր վերարկուի փեշի տակ, սկսեց փորփրել շալվարի գրպանի մեջ, այն հանեց, թափ տվեց, ինչ֊որ բան հայտնաբերեց, դեռ գրպանի սահմաններում շոշափեց իր գտածոն՝ համարելով, որ լավն է այն, ինչը ինքը գտել է, գրպանից հանեց փակված բռունցքը, վերարկուի փեշը կրկին իջեցրեց, դանդաղ առաջ մեկնեց ձեռնոցներով հանդերձված բռունցքը, այն ավելի ու ավելի առաջ մղեց։ Օսկարին սեղմեց պատին, իսկ նրա ձեռքը երկար էր, բայց պատը՝ ոչ դյուրափոփոխ, և միայն այն ժամանակ բացեց հինգմատնանոց պատյանը, երբ ես արդեն մտածեցի, որ հիմա Լեոյի ձեռքը ուսահոդից կպոկվի, կսկսի իր ինքնուրույն կյանքը, կհարվածի իմ կրծքին, այն կխոցի, դուրս կգա թիակներիս արանքից և կմտնի այս բորբոսահոտ աստիճանավանդակի պատի մեջ՝ Օսկարը այդպես էլ երբեք չի տեսնի, թե ինչ էր սեղմված Լեոյի բռունցքի մեջ՝ չնայած կհիշի Բրյոզեներվեգ փողոցում գտնվող տան բնակիչների համար կանոնների տեքստը, որը գործնականում ոչնչով չի տարբերվում Լաբեսվեգ փողոցի տան նույնատիպ տեքստից։

Հետո անմիջապես իմ նավաստու վերարկուի դիմաց, խարիսխով կոճակս արդեն սեղմած, Լեոն այնպիսի արագությամբ բացեց ձեռնոցը, որ ես լսեցի, թե ինչպես ճտտացին նրա հոդերը, մաշվածությունից բծավոր դարձած փայլուն կտորի վրա, որը ծածկում էր նրա ափը, դրված էր փամփուշտի պարկուճ։ Երբ Լեոն ձեռքը կրկին բռունցք արեց, ես արդեն պատրաստ էի հետևել նրան։ Առանց ավելորդ մանրամասնությոնների, այդ մետաղի կտորը կոչ էր անում ինձ։ Կողք կողքի՝ Օսկարը ձախ կողմից, մենք սկսեցինք Բրյոզեներվեգի երկայնքով իջնել՝ այլևս կանգ չառնելով ոչ որևիցե մի ցուցանակի առաջ, ոչ թատերական ծրագրերով որևէ ցածրիկ սյան առաջ, կտրեցինք անցանք Մագդեբուրգերշտրասեն, մեր ետևում թողեցինք բարձր արկղերի նմանվող և փողոցը եզրափակող երկու տները, որոնց վրա գիշերները թռչող և վայրէջք կատարող ինքնաթիռների համար վառվում էին ազդանշանային լույսերը։ Հետո երկար ժամանակ անցնում էինք թռիչքային գոտու ցանկապատի երկայնքով, անցանք դեպի առավել չոր ասֆալտապատված խճուղի և իններորդ երթուղու ռելսերի երկայնքով շարժվեցինք Բրյոզեներվեգի ուղղությամբ։ Ճանապարհին մենք ոչ մի բառ չփոխանակեցինք, սակայն Լեոն առաջվա պես պարկուճը բռնել էր ձեռնոցի մեջ։ Երբ ես սկսում էի տատանվել, երբ ցրտի ու խոնավության պատճառով ցանկանում էի ետ վերադառնալ, նա բաց էր անում բռունցքը, ափի մեջ վերվեր էր գցում մետաղի կտորը՝ այդ կերպ ինձ ևս հարյուր քայլ հրապուրելով և հետո՝ ևս հարյուրը, և նույնիսկ մի որոշակի երաժշտականություն դրսևորեց, երբ Զասպեի քաղաքային տիրույթներում ես վերջնականապես որոշեցի վերադառնալ։ Նա կրունկների վրա շրջվեց՝ պարկուճը բաց կողմով ցուցադրելով վեր պահած, նրա անցքը ֆլեյտայի ծայրոցի պես սեղմեց ներքին, բավականին կախ ընկած, փսլնքոտ շրթունքին և խռպոտ, երբեմն խոցող, երբեմն էլ կարծես մառախուղի կողմից թուլացված ձայնը խառնեց ամենուր լսելի անձրևի աղմուկին։ Օսկարը մրսում էր, սակայն ոչ միայն փամփուշտի պարկուճի նվագն էր նրան ստիպում մրսել, ոչ, զզվելի, կարծես պատվերով, տրամադրությանս հետ գնացող եղանակը ևս նպաստում էր դրան, այնպես որ ես նույնիսկ չէի էլ փորձում թաքցնել իմ խղճուկ վիճակը։

Ի՞նչն էր ինձ ձգում դեպի Բրոյզեն։ Դե լավ, առնետ որսացող Լեոն, որը շվշվացնում է փամփուշտի պարկուճի վրա։ Սակայն միայն նա չէր ինձ համար շվշվացնում։ Խարսխակայանի կողմից և Նոյֆարվասերի կողմից, որն ընկած էր կարծես լվացքատնից վեր բարձրացող նոյեմբերյան մառախուղներից այն կողմ, ինձ էին հասնում շոգենավերի շչակների ձայները, ինչպես նաև՝ Շոտլանդիայի, Շելմիուլի և Ռեյխսկոլոնիայի միջով այստեղ մեզ մոտ հասնող ոչ այն է բեռնաթափման, ոչ այն է՝ բարձման համար կանգնած տորպեդային նավակի սոված ոռնոցը։

Այնպես որ Խենթուկ Լեոյի համար ամենևին էլ դժվար չէր սառչող Օսկարին մառախլապատ շչակի ձայներով, սուլոցներով ու շվշվացնող փամփուշտի պարկուճով իր ետևից տանելը։

Մոտավորապես այն տեղում, որտեղ թռիչքային գոտին Նոր հրապարակից և բերդապարսպի քանդակից բաժանող մետաղալարե ցանկապատը թեքվում է դեպի Պելոնկեն, Լեոն կանգ առավ և մի որոշ ժամանակ, գլուխը ուսին հենելով, փամփուշտի պարկուճից ծորացող փսլնքի վրայով դիտահայում էր իմ դողդողացող մարմնի թռիչքը։ Պարկուճը բերանի մեջ ներքաշելով և այն ներքևի շրթունքով պահելով՝ նա հանկարծ սկսեց ձեռքերը վայրենաբար թափահարել և, կարծես վերևից եկող կարգադրությանը ենթարկվելով, իր վրայից քաշեց հանեց հետնափեշ սև սերթուկը և ծանր, խոնավ հողի հոտ արձակող կտորը գցեց իմ գլխին ու ուսերին։

Մենք կրկին ճամփա ընկանք։ Չեմ կարող ասել՝ ավելի քի՞չ էր Օսկարը մրսում, թե ոչ։ Երբեմն Լեոն մի հինգ քայլ առաջ էր ընկնում, կանգ էր առնում՝ իր փափուկ, շատ փափուկ, սակայն սարսափի աստիճան սպիտակ վերնաշապիկի մեջ՝ հիշեցնելով մի կերպար, որը խորհրդավոր ձևով մեզ մոտ է հայտնվել միջնադարյան զնդաններից, օրինակ, Աստիճանավոր աշտարակից, աչք ծակող պայծառ վերնաշապիկով, համաձայն խելագարների համար նորագույն մոդայի գլխավոր կարգադրությունների։ Սև սերթուկով ու սայթաքող Օսկարին նայելով՝ Լեոն անփոփոխ բռնկվում էր ծիծաղով և ամեն անգամ թևերս թափահարելիս նա ընդհատում էր ծիծաղը․ ես կարծես կռնչացող ագռավ լինեի։ Թերևս ես իսկապես էլ անհեթեթ թռչնի էի նմանվում, առնվազն որձ ագռավի, առավել ևս, որ ճանապարհի մի ինչ֊որ հատված իմ քղանցքը գետնի վրայով քարշ էր գալիս փեշատուրի նման՝ սրբելով ասֆալտե ծածկույթի փոշին։ Մի խոսքով, ես իմ ետևից լայն արքայական հետք էի թողնում, որն ուսի վրայով Օսկարի՝ երկրորդ անգամ գցած հայացքից հետո նրան համակում էր հպարտությամբ ու ընդգծում կամ ընդհանրապես մարմնավորում նրա մեջ կիսարթուն և դեռ մինչև վերջ չհասունացած ողբերգականությունը։

Արդեն Մաքս֊Հալբե֊պլացում ես զգացի, որ Լեոն ամենևին էլ չի պատրաստվում ինձ Բրոյզեն կամ Նոյֆարվասեր տանել։ Այդ հետիոտն անցումը սկզբից վերջ և ետ որպես վերջնական նպատակակետ կարող էր ունենալ միմիայն Զասպե գերեզմանատունը ու բերդապարսպի խանդակը, որոնց անմիջական հարևանությամբ տեղակայված էր ժամանակակից սարքավորումներով հանդերձավորված ոստիկանական հրաձգարանը։

Հոկտեմբերի վերջից սկսած մինչև ապրիլի վերջը լողափնյա երթուղիների տրամվայները գնում էին երեսուն րոպեն մեկ։ Երբ մենք մեր ետևում թողեցինք Լանգֆուր արվարձանի վերջին տները՝ մեզ ընդառաջ դուրս եկավ առանց կցորդի շարժիչային վագոնը։ Իսկ դրանից անմիջապես հետո մեզանից առաջ անցավ այն տրամվայը, որը Մագդեբուրգերշտրասեի ուղեսլաքի մոտ սպասում էր նրան։ Եվ արդեն անմիջապես Զասպե գերեզմանատան առջև, որտեղ երկրորդ ուղեսլաքն էր տեղադրված, նախ զնգոցով մեզանից առաջ անցավ քաղաքից եկող տրամվայը, ապա մեր կողքով անցավ հանդիպակացը, որն, ինչպես մենք կարողացանք մառախուղի միջով տենել, արդեն վաղուց էր սպասում, քանի որ վատ տեսանելիության պատճառով այն միացրել էր դիմացի լապտերը։

Մինչ Օսկարը աչքերի առջև դեռ պահպանում էր հանդիպակաց տրամվայի մեքենավարի աղոտ, հարթ դեմքը, Լեոն ասֆալտե ճանապարհից նրան քշեց դեպի փխրուն ավազը, որն արդեն իսկ վկայում էր ափամերձ ավազաբլուրների մասին։ Գերեզմանատունը պատված էր ճիշտ քառակուսի աղյուսե պատով։ Ամբողջապես ժանգոտ մետաղալարերով պատված հարավային կողմի փոքրիկ դռնակը ձևացնում էր միայն, թե փակ է և մեզ հեշտությամբ թողեց ներս։ Ցացոք, Լեոն ինձ ժամանակ չտվեց ավելի սևեռուն ուսումնասիրել թեքված, շուռ գալու կամ երեսնիվայր ընկնելու պատրաստ գերեզմանաքարերը, որոնք մեծ մասամբ պատրաստված էին կողքերից ու ետևից կոպիտ տաշված, իսկ դիմացից հղկված շվեդական գրանիտից կամ դիաբազից։ Զարտուղի ճանապարհով այստեղ հայտնված հինգ կամ վեց խղճուկ սոճիներն էին միայն կազմում գերեզմանատան կանաչ զգեստավորումը։ Մայրիկս դեռ կենդանության օրոք բոլոր այլ խաղաղ վայրերից առավել այս լքված անկյունն էր գերադասում։ Սակայն այժմ նա հանգչում էր Բրենտաուում։ Այնտեղ հողը ավելի բարեբեր էր, այնտեղ կնձենիներ ու թխիկներ էին աճում։

Հյուսիսային ցանկապատի բաց, առանց ճաղավանդակների դռնակի միջով Լեոն ինձ ավելի շուտ դուրս բերեց գերեզմանատնից, քան ես կարողացա ընտելանալ այդ մելամաղձիկ լքվածության հետ։

Ցանկապատից այս կողմ մենք անմիջապես հայտնվեցինք հարթ ավազով հողի վրա։ Որոճը, թխկին, և մասրենու թփերը մառախուղի ալեկոծվող ապուրի մեջ պարզորոշ ձևով լողում էին դեպի ափը։ Շրջվելով դեպի գերեզմանատունը՝ ես անմիջապես նկատեցի, որ նրա հյուսիսային պատի մի մասը նոր էր սպիտակեցված։

Այդ պատի դիմաց, որը նորի պես էր դիտվում և կուրացնելու աստիճան պայծառ էր, կարծես Լեոյի ճմռթաց վերնաշապիկը լիներ։ Անձամբ Լեոն հանկարծ իրարանցման մեջ ընկավ, սկսեց լարված լայն քայլեր անել, ամեն ինչից դատելով՝ նա դրանք հաշվում էր բարձրաձայն, և մինչև օրս էլ Օսկարը մտածում է, որ լատիներեն լեզվով էր նա այդ անում։ Նա նաև տեքստ երգեց, որը, պետք է ենթադրել, սեմինարիայում էր սովորել։ Պատից մոտավորապես տասը մետր հեռու Լեոն ինչ֊որ տեղ ընտրեց նոր սպիտակեցված և, իմ կարծիքով, վերականգնված ծեփերի գրեթե կողքին, փայտի մի կտոր դրեց, ընդ որում այդ ամենը անում էր ձախ ձեռքով, իսկ աջով սեղմում էր փամփուշտի պարկուճը, երկար փնտրելուց, չափումներից հետո ի վերջո նա փայտի կտորի կողքին դրեց այն դատարկ, դիմացի մասից փոքր֊ինչ նեղացող մետաղե ամանը, որն ինչ֊որ ժամանակ իր մեջ արճիճե միջուկ էր ամփոփել՝ այնքան ժամանակ, մինչև ինչ֊որ մեկը ցուցամատը ծռելով, ժամանակից շուտ կապանքնրը չկտրելով, փնտրել էր, թե որ մասին սեղմի, ինչից հետո մերժեց արճիճի՝ տուն ունենալու իրավունքը և համառորեն պնդեց նրա տեղափոխման վրա, ինչը հղի էր ինչ֊որ մեկի մահով։

Եվ ահա մենք կանգնել էինք ու կանգնել։ Լեո Խենթուկը թել֊թել ձգվող փսլինքներ էր արտադրում։ Նա ձեռնոցները ծալեց, լատիներեն լեզվով էլի ինչ֊որ բան երգեց, հետո լռեց, քանի որ մոտակայքում չգտնվեց որևէ մեկը, որը կարող էր, ինչպես հենց պատշաճ էր պատարագին, նրա հետ երգել։ Դրանից հետո նա շրջվեց, ափսոսալի անհամբերությամբ պատի վերևով նայեց Բրոյզենյան խճուղուն, որտեղ մեծ մասամբ դատարկ տրամվայները սպասում էին ուղեբաժանի վրա, զանգեր հնչեցնելով՝ խուսափում էին բախումից և մեծացնում միմյանց միջև տարածությունը, գլուխը խոնարհեց․ ամեն։ Հնարավոր է, որ Լեոն սպասում էր վշտի իմաստն ըմբռնած մարդկանց, սակայն ո՛չ ոտքով, ո՛չ տրամվայով չեկավ որևէ մեկը, որին Լեոն կարող էր իր ձեռնոցով ցավակցություն հայտնել։

Մի անգամ մեր գլխավերևում շառաչեցին վայրէջքի եկող ինքնաթիռները։ Մենք չբարձրացրեցինք մեր աչքերը, մենք դիմացանք շարժիչների ոռնոցներին, մենք չէինք կամենում համոզվել, որ թևերի վերջույթների վրա տեղավորված կողային լույսերը թարթելով, վայրէջք են կատարում «Յունկերս֊52» տիպի երեք մեքենա։

Այն բանից քիչ ժամանակ անց, երբ շարժիչները մեզ հանգիստ թողեցին, լռությունը նույն չափ տանջալի էր, որքան որ սպիտակ էր մեր դիմացի պատը՝ Լեոն, ձեռքը մտցնելով իր վերնաշապիկի տակ, այնտեղից ինչ֊որ բան հանեց, անմիջապես հայտնվեց իմ կողքին, իր ագռավի հագուստը Օսկարի ուսերից պոկեց, տեղից պոկվելով՝ վազեց որոճի, մասրենու, ափամերձ թխիկների ուղղությամբ դեպի ծովափ և իր հուսահատ, ականատեսի համար նախատեսված պոկման պահին ինչ֊որ բան գցեց ձեռքից։ Լեոն վերջնականապես անհետացավ միայն այն ժամանակ, նա տեսիլքի նման երբեմն֊երբեմն նկատվում էր հարթավայրում, մինչև նրան կլանեցին կաթնային, հողին կպչող մառախուղի շերտերը․ մի խոսքով, միայն անձրևի ընկերակցությամբ կատարյալ մենության մեջ մնալով, ես վերցրեցի ավազի միջից դուրս ցցված ստվարաթղթի կտորը․ դա սկատի համար նախատեսված խաղաթղթերի կապուկից մի խաղաթուղթ էր, դա ագռավի յոթնոցն էր։

Զասպեի գերեզմանատանը լինելուց մի քանի օր անց Օսկարը Լանգֆուրդյան կիրակնօրյա շուկայում հանդիպեց իր Աննա Կոլյայչեկ տատիկին։ Այն ժամանակվանից ի վեր, ինչ լուծարել էին Բիսաուի մոտերքի մաքսային ու սահմանային հսկողությունը, նա կարող էր կրկին ձու, միս, կաղամբ և ձմեռային տեսակի խնձոր բերել շուկա։ Մարդիկ գնում էին հաճույքով ու մեծ քանակությամբ, քանզի մոտ ապագայում մթերային քարտերի սպասվելիք ներմուծումը նրանց դրդում էր պահուստներ կուտակել։ Տենելով իր ապրանքի ետևում կուչ եկած տատիկին՝ Օսկարը վերարկուի տակ, պուլովերի տակ, ներքնաշապկի տակ, մերկ մաշկի վրա զգաց խաղաթղթի հպումը։ Սկզբում, երբ մեքենավարը ինձ առաջարկեց ձրի երթևեկել, ու ես տրամվայով տուն էի վերադառնում Զասպեից դեպի Մաքս֊Հալբե֊պլաց, ցանկություն ունեցա պատռել ագռավի յոթնոցը։

Սակայն Օսկարը խաղաթուղթը չպատռեց։ Նա այն փոխանցեց տատիկին։ Կաղամբի գլուխների միջից նրան տեսնելով՝ տատիկը քիչ էր մնում վախենար։ Միգուցե նա ինքն իրեն մտածեց, որ Օսկարը երբեք բարի գործով չի գալիս։ Սակայն հետո նա մոտ կանչեց երեք տարեկանին, որը կիսով չափ թաքնված էր ձկան կողովների ետևում։ Օսկարը նրա կանչին անմիջապես չարձագանքեց, նախ նա ուսումնասիրեց կենդանի ձողաձուկը՝ թաց ջրիմուռների վրա պառկած գրեթե մեկ մետր երկարության հսկա ձուկը, ուզում էր մի քիչ էլ սիրահայել Օտոմինյան լճից բերված խեցգետիններին, որոնք արդեն տասնյակներով զամբյուղի մեջ նստած, դեռևս պարտաճանաչորեն սովորում էին խեցգետինների տեղաշարժման եղանակը, հետո Օսկարը, այն սովորելով, իր նավաստու վերարկուի թիկունքի մասով մոտեցավ տատիկի վաճառասեղանին և միայն այդ ժամանակ նրան ցուցադրեց իր ոսկե կոճակները։ Արդյունքում նա դիպավ վաճառասեղանի տակի փայտե իշոտնուկներին, ինչից խնձորները ցիրուցան գլորվեցին։

Թերթով փաթաթված տաք աղյուսներով հայտնվեց Շվարդֆեգերը, դրանք մտցրեց տատիկիս շրջազգեստների տակ, ինչպես միշտ՝ մականով դուրս բերեց սառերը, փայտիկը տեղավորեց թերթաքարե տախտակի վրա, որը կախվեց նրա վրայից, քոչեց դեպի հաջորդ վաճառասեղանը, և այդ ժամանակ տատիկս ինձ մի փայլուն խնձոր մեկնեց։

Իսկ ի՞նչ կարող էր տատիկին առաջարկել Օսկարը, չէ՞ որ նա իրեն խնձոր տվեց։ Սկզբում նա նրան մեկնեց խաղաթուղթը, հետո փամփուշտի պարկուճը, որը նույն կերպ չցանկացավ թողնել Զասպեում։ Աննա Կոլյայչեկը ոչինչ չհասկանալով ուսումնասիրում էր այդ երկու արդեն տարբեր առարկաները, սակայն այդ ժամանակ Օսկարի շուրթերը մոտեցան նրա գլխաշորի տակ պահված բարալիկ ծերունական ականջին, և ցանկացած զգուշավորության մասին մոռանալով, ես շշնջացի, վերհիշելով Յանի վարդագույն, փոքրիկ, սակայն մսեղ, գեղեցիկ կտրվածք ունեցող բլթակներով ականջը․ «Նա հանգչում է Զասպեում», ― ու նետվեցի ետ՝ շուռ տալով կաղամբով լի ձեռնասայլակը։


Մարիա

Մինչ պատմությունը, ամենին ի լուր դուրս ժայթքեցնելվ կարևոր իրադարձությունները, լավ յուղված կառքի պես գլորվում էր, լողում ճանապարհներով, ջրային մայրուղիներով՝ Եվրոպայի օդային տարածքները նվաճելով, իմ գործերը, որոնք հանգում էին անդադար մանկական լաքապատված թմբուկներ կոտրելուն, վատ էին ընթանում, ընթանում էին ոչ այս, ոչ այն կողմ, ընդհանրապես չէին ընթանում։ Մինչ ուրիշները վատնողաբար իրենց շուրջ դես ու դեն էին նետում թանկարժեք մետաղը, իմ հերթական թիթեղը կրկին մոտեցավ իր վերջին։ Ճիշտ է, Օսկարին հաջողվեց Լեհական փոստատան շենքից փրկել գրեթե նոր, գրեթե առանց քերծվածքների թմբուկը և դրանով իսկ ինչ֊որ իմաստ հաղորդեց նրա պաշտպանությանը, սակայն ինչ էր նշանակում ինձ համար, այլ խոսքով ասած Օսկարի համար, պարոն Նաչալնիկ֊կրտսերի թիթեղյա թմբուկը, եթե իմ լավ ժամանակներում ես ամենաշատը երկու ամիս էի ծախսում, որպեսզի թիթեղը մետաղի ջարդոնի վերածեմ։

Իսկ քաղաքային հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո ես, սգալով իմ բույժքույրերի կորուստը, սկսեցի աշխատել թմբուկով և թմբկահարել՝ աշխատելով։ Զասպեի գերեզմանատանը անձրևոտ օրը ամենևին էլ ինձ չստիպեց թողնել իմ արհեստը, ընդհակառակը, Օսկարը իր ուժերը կրկնապատկեց և իր բոլոր ջանքերը ներդրեց մեկ և միակ խնդիրը լուծելու համար․ ոչնչացնել թմբուկը՝ աշխարհազորայինների դիմաց իմ խայտառակության ողջ մնացած միակ վկային։

Սակայն թմբուկը չէր ընկրկում, նա պատասխանում էր ինձ, և երբ ես հարվածում էի նրա վրա, պատասխանում էր ինձ մեղադրող հարվածով։ Որքան էլ տարօրինակ է, ամեն անգամ այս տուրուդմփոցի ժամանակ, որը մի նպատակ էր հետապնդում՝ հիշողության միջից ջնջել որոշակի, ժամանակի մեջ հստակ սահմանափակված իմ անցյալի մի հատվածը, անընդհատ իմ հիշողության մեջ է հայտնվում փողային փոխանցումներ կատարող առաքող Վիկտոր Վելունը՝ չնայած ով֊ով, բայց այդ կարճատես մարդը դժվար թե կարողանար ցուցմունք տալ իմ դեմ։ Սակայն մի՞թե նրան՝ կարճատեսին չէր, որ հաջողվեց փախուստը։ Եվ արդյո՞ք սրանից չի հետևում, որ կարճատեսները շատ են տեսնում, որ Վելունը, որին ես սովորաբար Վիկտոր եմ անվանում, կարողացավ իմ ձեռքի շարժումները տեսնել որպես սև֊սպիտկ ստվեր, գիտակցել Հուդայի իմ արարքը, ինչից հետո փախուստի դիմեց՝ իր հետ վերցնելով Օսկարի գաղտնիքն ու խայտառակությունը, և այն տարփողեց աշխարհով մեկ։

Միայն դեկտեմբերի կեսին մոտ ինձ վրա կախված խղճի մեղադրանքները, որոնք գրված էին բոցի կարմիր լեզուներով, կորցրեցին իրենց նախկին համոզչությունը․ լաքի վրայով բարակ մազերի պես անցնում էին ճաքերը, ներկը սկսել էր ճաքել, թիթեղը ճմրթվեց, դարձավ բարակ և դեռ թափանցիկության չհասած՝ պատռվեց։ Ինչպես և ամեն անգամ, երբ ինչ֊որ բան տանջվում է և դժվար է մոտենում իր վերջին, այդ տանջանքների ականատեսը կցանկանար դրանք կրճատել և հնարավորինս մոտեցնել ավարտը։ Ամանորին նախորդած վերջին շաբաթներին Օսկարը շատ էր շտապում, նա այնպես էր աշխատում, որ հարևաններն ու Մացերատը բռնում էին իրենց գլուխները, նա ուզում էր մինչ ճրագալույցը իրեն մեղադրողի վերջը տալ, քանզի Ամանորին մոտ ես հույս ունեի ստանալ նոր, ոչնչով չծանրաբեռնված թմբուկ։

Ես տեղավորվեցի ժամանակի մեջ։ Դեկտեմբերի քսանչորսի նախորդ օրը ես կարող էի վզիս ու հոգուս վրայից դեն նետել հիշատակված ոմնի բեռը, որը խելահեղորեն դղրդացնում էր, ժանգոտ էր, կիսաջարդված ավտոմեքենա էր հիշեցնում, դեն նետել՝ հուսալով, որ դրանով իսկ ինձ համար Լեհական փոստատան պաշտպանությունը դարձավ վերջնականապես կոտրված։

Սակայն ոչ մի մարդու, եթե դուք պատրաստ եք իմ մեջ տեսնել մարդու, չի հաջողվել վերապրել ավելի կոշտ հիասթափություն, քան Օսկարին՝ այն Ամանորը, երբ նա տոնածառի տակ հայտնաբերեց ամանորյա նվերների տոպրակը, որում առկա էին գրեթե ամեն ինչ, ամեն ինչ՝ բացի թմբուկից։ Այնտեղ դրված էր կոնստրուկտորի մի տուփ, որը ես այդպես էլ չբացեցի։ Կարապ֊ճոճաթոռը կոչված էր լիովին այլ տեսակի նվեր պատկերել, ինձ Լոենգրինի վերածել։ Ոչ այլ բանի, քան ինձ զայրացնելու նպատակով, նվերների համար նախատեսված սեղանիկի վրա դրված էին երեք նկարազարդ գրքեր։ Ես գործածման համար շատ թե քիչ պիտանի համարեցի միայն ձեռնոցները, կապիչներով կոշիկները և կարմիր պուլովերը, որն ինձ համար Գրեթխեն Շեֆլերն էր գործել։ Վհատված Օսկարը հայացքը կոնստրուկտորի վրայից տեղափոխում էր կարապի վրա, գրքերի էջերում ուշադիր զննում էր բավականին հետաքրքրաշարժ մտահղացված արջուկներին, որոնք իրենց թաթերի մեջ ամենատարբեր երաժշտական գործիքներ էին բռնել։ Եվ պատկերացրեք, մի այդպիսի սքանչելի կեղծ անասուն բռնել էր թմբուկը և ձևացնում էր, իբր թմբկահարել գիտի, իբր ուր որ է որոտաձայն կթմբկահարի, իբր արդեն անցել է գործի, իսկ ես կարապ ունեի, սակայն չկար թմբուկը, հնարավոր է, որ ես ունեի ավելի քան հազար շինարարական խորանարդիկներ, սակայն չկար ոչ մի թմբուկ, առանձնահատուկ ցուրտ ձմեռային գիշերների համար ես ունեի ձեռնոցներ, սակայն այդ ձեռնոցների մեջ չկար ոչ մի այդպիսի կլոր, հարթ, թիթեղյա, լաքի սառցե շերտի տակ գտնվողը, ինչը ես կկարողանայի ցուրտ գիշերով վերցնել ինձ հետ, որպեսզի ցուրտը ևս ինչ֊որ սպիտակ բան լսեր։

Հիշում եմ, Օսկարը դեռ մտածեց․ հավանաբար Մացերատը թաքցնում էր թիթեղը։ Եվ կամ ոչ թե նա, այլ Գրեթխեն Շեֆլերը, որն իր հացթուխի հետ հայտնվել է, որպեսզի ոչնչացնի մեր ամանորյա բադին։ Նրանք նախ ուզում են հաճույք ստանալ՝ նայելով, թե ինչպես եմ ես ուրախանում կարապի, շինարարական խորանարդիկների և նկարազարդ գրքերի համար, նախքան իրական գանձը ինձ հասցնելը։ Ես պայմանը ընդունեցի, ես հիմարի պես թերթում էի գրքերը, ես հեծնելով նստեցի կարապի մեջքին, խորին զզվանքի զգացումով ես մի ամբողջ ժամ ճոճվեցի։ Հետո, չնայած մեզ մոտ անսպասելի շոգ էր, ես թույլ տվեցի, որպեսզի ինձ վրա փորձեն պուլովերը, Գրեթխեն Շեֆլերի օգնությամբ ոտքերս մտցրեցի կապիչներով կոշիկների մեջ, այդ ընթացքում եկան հասան նաև Գրեֆները, քանի որ բադը հաշվարկված էր վեց անձի համար, իսկ երբ Մացերատի կողմից վարպետորեն պատրաստված և չոր մրգերով միջուկավորված բադը ոչնչացվեց, արդեն դեսերտի շուրջ՝ դեղնաշլոր և տանձեր, նա հուսահատված թերթում էր նկարազարդ գրքերի էջերը, որը Գրեֆը դրել էր իր մնացած չորս գրքերի կողքին, ապուրից, բադից, կարմիր կաղամբից, կարտոֆիլից, դեղնաշլորից ու տանձերից հետո, հաղճասալիկե վառարանի տաք շնչառության ներքո, իսկ մեր վառարանը հասարակ չէր, մենք բոլորս երգեցինք, Օսկարն էլ էր ձայնակցում, ամանորյա երգ և նաև էլի մի տող՝ «Ուրախացիր»֊ից ու նաև՝ «Օ, տոնածառ, օ, տոնածառ կանաչ ճյուղերով, զնգզնգզնգզնգզնգ զրնգում է զանգակը», և ցանկացա, փողոցում արդեն զանգերը գործի էին անցել, ի վերջո ստանալ իմ թմբուկը՝ հարբած փողային նվագախումբը, որին ինչ֊որ ժամանակ առաջ պատկանում էր նաև Մայնը, այնպես էր շեփորում, որ բազիրքներից սառցալեզվակները․․․ սակայն ես ուզում էի, ուզում էի ստանալ, իսկ ինձ այն չէին տալիս, առաջ էին բերում իրենց նվերը, Օսկարը՝ «այո», մնացած բոլորը՝ «ոչ», և այստեղ ես գոռացի, ես վաղուց արդեն չէի գոռացել, սակայն այստեղ երկարատև ընդմիջումից հետո ես կրկին իմ ձայնը սրեցի ապակի կտրող գոծիքի սրության, սակայն ես ոչ թե սկահակներ, ոչ թե գարեջրի գավաթներ, ոչ թե լամպեր էի սպանում, ես չէի պայթեցնում ոչ մի ցուցափեղկ, ոչ մի ակնոցի չէի զրկում տեսողական ուժից՝ ոչ և ոչ, չգիտես ինչու իմ ձայնը սլացավ ընդդեմ ամեն կողմ սփռվող օ տանածառի, օ տոնածառի, ամենուր տոնական տրամադրություն տարածող փուչիկների, արծաթավուն ապակուց պատրաստված փչված պղպջակներով փխրուն զանգակների, տոնածառերի գագաթների․ ծլընգ֊ծլընգ անելիս զարդարանքները թափվում, փոշու էին վերածվում, և, ինչը որ լրիվ ավելորդ է, թափվում էին, եթե դրանք համրենք աղբի գոգվոր թիակի վրա՝ եղևնու փշերի սարեր։ Իսկ ահա մոմերը, նրանք այրվում էին առաջվա նման՝ լուռ ու սուրբ, սակայն Օսկարը այդպես էլ թմբուկը չստացավ։

Իսկ Մացերատը, ինչպես և միշտ, ցուցադրեց իր բութ անհասկացողությունը։ Ես չեմ էլ հասկանում, կամ նա այդ ձևով ուզում էր ինձ դաստիարակել, կամ նա ուղղակի չէր ուզում մտածել այն մասին, որ անհրաժեշտ է ինձ ժամանակին և առատորեն ապահովել թմբուկներով։

Գործը անխուսափելիորեն գնում էր դեպի աղետը, միայն և այն հանգամանքը, որ ինձ սպառնացող մահվան հետ մեկտեղ գաղութային ապրանքների կրպակում ևս մեծ դժվարությամբ էր հաջողվում թաքցնել ավելի ու ավելի ամրապնդվող անկարգությունը, ի վերուստ և դրա հետ մեկտեղ մեր առևտրին, ինչպես ընդունված է մտորել փորձությունների տարում, փրկությունը ուղարկվեց ճիշտ ժամանակին։

Քանի որ Օսկարը հասակ չունեցավ վաճառասեղանի ետևում կանգնելու, ինչպես նաև կրթկրթան հացերը, մարգարինն ու արհեստական մեղրը վաճառելու ցանկություն ևս չուներ, Մացերատը, որին ես պարզության համար կրկին կսկսեմ անվանել հայր, իրեն օգնական վերցրեց մի խեղճ ընկեր Հերբերթի կրտսեր քրոջը՝ Մարիա Տրուչինսկուն։

Մարիային ոչ թե անվանում էին այդպես, այլ նա իսկապես էլ Մարիան էր։ Արդեն չխոսելով այն մասին, որ երկու շաբաթից էլ կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց մեր կրպակին վերադարձնել նրա նախկին փառքը, նա ընկերական, սակայն խիստ գործավարությամբ, ինչին Մացերատը մեծ հաճույքով ենթարկվում էր, իմ վիճակը գնահատելիս բավականին մեծ խորաթափանցություն դրսևորեց։

Նախքան վաճառասեղանի ետևում իր տեղը զբաղեցնելը, Մացերատը բազմաթիվ անգամ լվացքի հին թասը որպես թմբուկի փոխարինող առաջարկեց ինձ՝ նրան, ով փորի վրա պահելով մետաղի ջարդոնը, լռությամբ հանդիմանող տեսքով աստիճանների վրայով դոփում էր հարյուր աստիճանից ավելի վերև, հարյուրից և ավելի ներքև։ Օսկարը փոխարինում չկամեցավ, նա համառորեն հրաժարվում էր թմբկահարել թասի վրա։ Սակայն հենց նոր խանութում ընտելացած, նա Մացերատի կամքին հակառակ կարողացավ անել այնպես, որպեսզի հաշվի նստեն իմ ցանկությունների հետ։ Ճիշտ է, Օսկարը ոչ մի դեպքում չէր ցանկանում նրա ընկերակցությամբ չափչփել խաղալիքների կրպակները։ Այդ կրպակներում տիրող խայտաբղետ լիությունը ինձ անպայման կստիպեր տանջալի համեմատություններ անել Սիգիզմունդ Մարկուսի ջախջախված կրպակի հետ։ Քնքուշ ու հնազանդ Մարիան կամ թողնում էր, որ ես դրսում «սպասեմ», կամ էլ ընդհանրապես միայնակ էր գնումներ կատարում և չորս֊հինգ շաբաթը մեկ, նայած անհրաժեշտության, բերում նոր թմբուկներ, իսկ պատերազմի վերջին տարիներին, երբ նույնիսկ թմբուկները դարձան հազվագյուտ ու բախշման ենթակա ապրանքներ, Մարիան ստիպված էր վաճառողներին շաքարով կամ հատիկավոր սուրճի մեկ ութերորդի կեսի չափով կաշառել, որպեսզի վերջիններս վաճառասեղանի տակից, այսպես ասած ծոնոթի միջոցով ինձ համար թմբուկ գտնեին։ Եվ այդ ամենը նա անում էր առանց հոգոցների, առանց գլխի սպանիչ շարժումների, առանց աչքերը վեր չռելու, այլ ուշադիր լրջությամբ, այն նույն բնական տեսքով, որով նա ինձ էր հագցնում իմ թարմ լվացված, խնամքով կարկատած շալվարը, գուլպաներս ու բաճկոններս։ Եվ չնայած հետագա տարիներին իմ ու Մարիայի միջև հարաբերությունները մշտապես փոփոխվում էին, չնայած մինչև օրս էլ դրանք մնում են մինչև վերջ չպարզեցված, չնայած այսօր մանկական թիթեղյա թմբուկների գինը անհամեմատ ավելի բարձր է, քան քառասուն թվին, այն վարվելակերպը, որով նա ինձ էր հանձնում յուրաքանչյուր հերթական թմբուկը, մնում էր անփոփոխ։

Մարիան այսօր մոդայիկ ամսագիր է պատվիրում։ Ամեն մի նոր այցի ժամանակ նա էլ ավելի պերճաշուք տեսք է ստանում։ Իսկ ինչպիսի՞ն էր այն ժամանակ։

Բարետե՞ս էր, արդյոք, Մարիան։ Կլոր, թարմ լվացված փոքրիկ դեմք, փոքր֊ինչ դուրս պրծած աչքերի զովաշունչ, սակայն ոչ սառը հայացք, քթարմատի մոտ իրար միացված մուգ ու խիտ հոնքերի տակ կարճլիկ, սակայն փափկամազ թերթերունքներ։ Նկատելի հստակությամբ առաջ եկած այտոսկրեր, ուժեղ սառնամանիքի ժամանակ դրանց վրայի մաշկը կապտում էր ու հիվանդագին ճաքճքում, դեմքին հանգստացնող ազդեցություն ունեցող հարթության տեսք էին հաղորդում, և այդ տեսքը չէր խախտվում փոքրիկ, չնայած, ամենևին էլ ոչ տգեղ և առավել ևս ոչ ծիծաղելի, իսկ ամենից կարևորը՝ իր փոքրիկությամբ հանդերձ հստակ կտրվածքով քիթը։ Նրա ճակատը կլորավուն էր, ոչ բարձր ու մազապատ քթարմատի վերևում պատված էր հորիզոնական ծալքերով։ Խարտյաշ մազերը, որոնք մինչ օրս էլ փայլում են, ինչպես ծառերի բաց բները, նույնչափ կլորավուն են և քունքերի մոտից սկսած փոքր֊ինչ խուճուճացած, որպեսզի այնուհետև հարթ երեսպատեն փոքրիկ, կոկիկ և, ինչպես Տրուչինսկի մայրիկի մոտ էր, ծոծրակից գրեթե զուրկ գլուխը։ Երբ սպիտակ խալաթը հագնելով Մարիան կանգնում էր մեր վաճառասեղանի ետևում, նա դեռ արագ արյունով լցվող, ցեղականությունից զուրկ մեծ ականջների ետևում, որի բլթակները, ցավոք, ազատ կախված չէին, այլ ներքին ծնոտի տակ ուղիղ գծով տեղափոխվում էին դեպի այտերը և, չնայած, այնուհանդերձ, բավականին գեղեցիկ ծալվածք էր ստացվում, այն ծալքը ակամա մղում էր այլասերվածության մտքին և թույլ էր տալիս նրա բնավորության վերաբերյալ անել որոշ հետևություններ։ Ավելի ուշ Մացերատը Մարիային դրդեց դեպի մշտագանգուրը, որը ծածկում էր նրա ականջները։ Այսօր Մարիան իր գլխի գանգուր մոդայիկ կարճ կտրվածքի տակից ի ցույց է դնում մեծացած բլթակները, մեծ և բավական անճաշակ ականջները չեն ստվերում այդ փոքրիկ արատը։

Ինչպես Մարիայի պատված գլուխը ցուցադրում էր թմբլիկ այտերը, առաջ եկած այտոսկրերը, գրեթե աննկատ քթի երկու կողմերում շռայլ բացվածքներով խորը նստած աչքերը, նույն ձևով նրա ավելի շուտ փոքր, քան միջին բոյի մարմնին տրված էր չափից դուրս լայն ուսեր, անմիջապես թևատակերից սկիզբ առնող լեցուն կրծքեր և կոնքերի չափսերին համապատասխան շքեղ հետույք, որն իր հերթին հանգչում էր չափից դուրս բարակ, սակայն միաժամանակ ամուր ոտքերի վրա, որոնց միջև պատճառական տեղից ներքև նկատելի էր բացվածքը։

Չի բացառվում, որ այն ժամանակ Մարիայի ոտքերը աննշան չափով ծուռ էին։ Ահա մշտապես կարմրությամբ պատված ձեռքերը ևս, ի տարբերություն լիովին ձևավորված ու համաչափ մարմնի, թվում էին մանկական, իսկ մատները՝ նրբերշիկի պես թմբլիկ։ Ձեռքերի չռվածությունից նա մինչև օրս էլ չի կարողացել ազատվել։ Դրա փոխարեն նրա սրունքները, որոնք սկզբում թափառում էին կոպիտ արշավային կոշիկների մեջ, ավելի ուշ՝ իմ խեղճ մայրիկի հազիվ թե նրան համապատասխանող հնաճաշակ պճնագեղ կոշիկների մեջ, չնայած նրանց համար վնասակար և գործածության մեջ եղած կոշիկներին, աստիճանաբար կորցրեցին մանկական կարմրությունը և հետաքրքրաշարժությունը՝ հարմարվելով լիովին ժամանակակից արևմտագերմանական և նույնիսկ իտալական արտադրական նմուշներին։

Մարիան շատ չէր խոսում, սակայն հաճույքով երգում էր ամանները լվանալիս և երկնագույն փաթեթներով մեկ կամ կես ֆունտ շաքար կշռելիս։ Երբ կրպակը փակում էին, և Մարիան կիրակի օրերին նույնպես իրականացնում էր հաշվարկները, եթե կարողանում էր գոնե կես ժամ հանգստի ժամանակ գտնել, ձեռքն էր վերցնում շրթնահարմոնը, որը նվիրել էր եղբայր Ֆրանցը, երբ նրան զորակոչեցին բանակ և ուղարկեցին Գրոս֊Բոշպոլ։

Մարիան իր հարմոնով նվագում էր գրեթե ամեն ինչ։ Զբոսաշրջիկների երգերը, որոնք նա սովորել էր ՍՆԴ֊ի երեկույթների ժամանակ, մեղեդիներ օպերաներից, շլյագերներ, որոնք նա լսել էր ռադիոյով կամ իր եղբայր Ֆրանցից՝ վերջինիս Զատկին մի քանի օրով Դանցիգ էր բերել ծառայողական գործուղումը։ Օսկարը դեռ հիշում է, որ Մարիան լեզվով ճպճպացնելով նվագում էր «Անձրևի կաթիլները», կարողանում էր իր հարմոնի միջից դուրս բերել «Երեկոն ինձ երգ պատմեց»֊ը՝ ամենևին էլ Զարա Լեանդերին չնմանվելով։ Սակայն երբ կրպակը փակված էր լինում, Մարիան ոչ մի անգամ իր գործիքը դուրս չէր հանում։ Նույնիսկ երբ կրպակում ոչ ոք չկար, նա երաժշտությունից ձեռնպահ էր մնում, նա մանկականին նմանվող կլորիկ բառերով գնապիտակներ և ապրանքների անվանական ցանկեր էր կազմում։ Եվ չնակած դժվար չէր նկատել, որ հատկապես նա էր գոծը վարում, որ հատկապես նա կարողացավ վերադարձնել գնորդների այն մասին, որն իմ խեղճ մայրիկի մահվանից հետո անցավ մրցակիցների կողմը, նա, նրանց նույնիսկ մեր հաճախորդները դարձնելով, պահպանեց Մացերատի հանդեպ իր հարգանքը, որը սահմանակցում էր ստորաքարշության հետ, ինչը հորս մոտ, որը միշտ հավատում էր իրեն, նույնիսկ շփոթմունքի ստվեր չէր առաջացնում։

«Վերջ ի վերջո, այդ ես եմ նրան վարձել ու սովորեցրել»․ այսպես էին հնչում նրա փաստարկները ի պատասխան կանաչի վաճառող Գրեֆի կամ Գրեթխեն Շեֆլերի ծաղրախայթոցների։ Նման պարզունակ տեսք ուներ այդ մարդու մտքերի ընթացքը, որը, ըստ էության զբաղվելով միայն սիրած գործով՝ եփել֊թափելով, դառնում էր առավել նրբազգաց, դյուրընկալ և այդ իսկ պատճառով՝ ուշադրության արժանի։ Քանզի իր ողջ ցանկությամբ հանդերձ՝ Օսկարը չի կարող ժխտել նրա կասելյան ձևով թթու դրած կաղամբով կողոսկրերը, նրա՝ շուռումուռ տալով տապակած վիեննական շնիցելը և գլխավորը՝ նրա սերուցքով ու ծովաբողկով ծածանները արժեր տեսնել, հոտոտել և ուտել։ Եթե նույնիսկ առևվտրի մասով նա Մացերատին քիչ բան կարող էր սովորեցնել, քանզի, նախ և առաջ, աղջիկն ի ծնե օժտված էր մանրածախ առևտրի համար գործարար հոտառությամբ, նախ և երկրորդ, անձամբ Մացերատը այնքան էլ չէր հասկանում վաճառասեղանի ետևի նրբությունները և պիտանի էր միայն շուկայում մեծածախ գնումների համար, դրա փոխարեն նա աղջկան սովորեցրեց եփել, շոգեխաշել և տապակել, որովհետև չնայած նա երկու տարի Շիդլիցում մի պետական ծառայողի տանը որպես աղախին ծառայելիս սովորել էր, սակայն գալով մեզ մոտ, նույնիսկ չէր կարողանում ջուր տաքցնել ինչպես հարկն է։

Արդեն շատ շուտով Մարիան կարող էր իրեն դրսևորել՝ ինչպես իմ խեղճ մայրիկի օրոք․ նա թագավորում էր խոհանոցում, նա հերթական կիրակնօրյա տապակայով բարձրանում էր մեկ աստիճան վերև, նա կարող էր խոհանոցում աման լվանալու ընթացքում ժամերով երանության մեջ գտնվել, նա ոտքի վրա էր անում գնումները, ինչը յուրաքանչյուր պատերազմական տարվա հետ ավելի ու ավելի դժվար էր դառնում, մեծածախ առևտրի շուկայում տարբեր ձեռնարկությունների հետ նախնական պատվերներ ու հաշվարկներ էր անում։ Բավական ճարպիկ նամակագրություն էր վարում հարկային վարչության հետ, ամեն երկու շաբաթը մեկ ձևավորում էր մեր ցուցափեղկը՝ կարելի է ասել, ոչ պարզունակ, այլ բավականին մեծ երևակայություն և ճաշակ ցուցաբերելով, պատասխանատվության մեծ զգացումով էր կատարում իր կուսակցական պարտականությունը և, քանի որ Մարիան անսասանորեն կանգնում էր վաճառասեղանի ետևում, ամբողջությամբ և լիովին ծանրաբեռնված էր։

Դուք կարող եք հարց տալ․ ինչի՞ համար են այս բոլոր մոտեցումները, երիտասարդ աղջկա կոնքերի, հոնքերի, ականջների բլթակների մանրամասն նկարագրությունները։ Ձեզ հետ համակարծիք լինելով՝ ես նույն կերպ, ինչպես և դուք, դատապարտում եմ նման մանրամասների մեջ մտնելը։ Իզուր չէ Օսկարը հաստատ համոզված, որ մինչև այս ժամանակը նրան հաջողվեց աղավաղել Մարիայի կերպարը և կամ ընդհանրապես սևացնել բոլոր ժամանակների համար։ Այդ իսկ պատճառով ևս մեկ, վերջին և ամեն ինչ բացատրող մանրամասն․ եթե բազմաթիվ անանուն քույրերից շեղվենք, ապա Մարիան Օսկարի առաջին սերն է եղել։

Ես գիտակցում էի այդ հանգամանքը, երբ մի հրաշալի օր արեցի այն, ինչը հաճախ չէի անում, իսկ հատկապես ինքս սկսեցի լսեկ թմբկահարությունը և չէի կարող չնկատել, թե ինչպես էր Օսկարը նորովի, ներթափանց և միաժամանակ խնամքով իր կիրքը վստահում֊հաղորդում թմբուկին։ Մարիան հաճույքով էր լսում թմբկահարությունը, սակայն ինձ այնքան էլ դուր չէր գալիս, երբ նա այդ ընթացքում դուրս էր հանում իր շրթհարմոնը, այլանդակ ձևով կնճռոտում ճակատը և իր պարտքն էր համարում նվագակցել ինձ։ Սակայն հաճախ գուլպաները նորոգելիս կամ շաքարը տոպրակների մեջ լցնելիս և կշռելիս՝ նա հանկարծ իջեցնում էր ձեռքերը, ինձ վրա փայտիկների արանքով լուրջ և ուշադիր հայացք էր նետում, ընդ որում՝ նրա դեմքը մնում էր բացարձակապես անվրդով և, նախքան ընդհատված աշխատանքը շարունակելը, հանկարծ փափուկ, կիսով չափ քնած շարժումով սահում էր իմ կարճ կտրած մազերի վրայով։

Օսկարը, ով ընդհանրապես ոչ մեկի հպումը, նույնիսկ ամենաքնքուշները, տանել չէր կարողանում, Մարիայի ձեռքը սահեցնում էր իր մազերի վրայով և այն աստիճան էր դրան տրվում, որ երբեմն արդեն գիտակցաբար թիթեղի վրա շոյանքի դրդող ռիթմեր էր թմկահարում։

Այս ամեն ասվածին ավելացրած՝ Մարիան ամեն երեկո ինձ անկողին էր մտցնում։ Նա հանում էր իմ հագուստը, լողացնում, օգնում էր, որ հագնեմ ներքնազգեստս, քնից առաջ ինձ հիշեցնում, որ պետք է մեկ անգամ ևս ջուր թափել՝ չնայած ուներ բողոքական հավատք, ինձ հետ աղոթում էր, ընթերցում էր «Հայր մեր»֊ը և «Ողջույն քեզ, կույս Աստվածամայր»֊ը, իսկ երբեմն նույնիսկ «Հիսուս, քեզնով եմ ապրում, Հիսուս, քեզ համար կմեռնեմ», ինչից հետո բարեհամբույր, քուն առաջացնող դեմքի արտահայտությամբ ծածկում էր ինձ։

Որքան էլ լավն էին լույսը հանգցնելուց առաջ այդ վերջին րոպեները, և նուրբ ակնարկով աստիճանաբար վերափոխում էր և «Հայր մերը», և «Հիսուս, դու իմ կյանքն ես»֊ը, և «Ողջույն քեզ, ծովային աստղ»֊ը, և «Սիրել Մարիային»֊ը․ յուրաքանչյուր երեկո քնի նախապատրաստությունները ինձ համար դարձել էին ծանրություն, կարելի է ասել, որ գրեթե սասանել էին իմ ինքնատիրապետումը՝ իմ վզին, ով բոլոր ժամանակներում ունակ էր եղել պահպանել իր դեմքը, փաթաթելով դեռահասների ու անվստահ երիտասարդների դավաճանական կարմրությունը։ Օսկարը ազնվորեն խոստովանում է, ամեն անգամ, երբ Մարիան սեփական ձեռքերով հանում էր իմ հագուստները, կանգնեցնում էր ցինկե լոգարանի մեջ և խավավոր թաթմանի օգնությամբ, խոզանակի ու օճառի օգնությամբ իմ կաշվի վրա հալեցնում էր թմբուկային օրվա փոշին ու քերում հեռացնում էր այն՝ մի խոսքով, ամեն անգամ, երբ իմ գիտակցությանն էր հասնում, որ ես, գրեթե տասնվեց տարեկանս, իմ ամբողջ գեղեցկությամբ մերկ մարմնով կանգնած եմ տասնյոթ տարեկան աղջկա առջև, իմ այտերը երկար ժամանակով լցվում էին վառ, այրվող կարմրությամբ։

Սակայն ամեն ինչից դատելով, Մարիան չէր նկատում, թե ինչպես է փոխվում իմ դեմքի գույնը։ Հնարավոր է, նա մտածում էր, որ ինձ այդ աստիճան խոզանակն ու խավավոր թաթմա՞նն են տաքացրել։ Թե՞, ինքն իրեն համոզում էր, որ Օսկարը հիգենիկ միջոցառումների պատճառով է այդպես կարմրատակել։ Թե՞ այնքան ամոթխած ու նրբազգաց էր, որ ամեն երեկոյի իմ կարմրության իրական պատճառը գուշակելով՝ ձևացնում էր, թե այն չի նկատում։ Մինչ օրս էլ ես ենթակա եմ այդ անսպասելի, թաքցնելուն չենթարկվող, երբեմն ամբողջ հինգ րոպե կամ ավելին տևող կարմրությանը։ Իմ հրձիգ Կոլյայչեկ պապիկի նման, որը բոսորանում էր հրշեջ աքլորի պես, հենց որ որևէ մեկը նրա ներկայությամբ արտասանում էր «լուցքի» բառը, իմ արյունը հոսում է դեպի այտերս, երբ ինչ֊որ մեկը, որի հետ պարտադիր չէ, որ ծանոթ լինեմ, իմ ներկայությամբ սկսում է խոսել փոքր երեխաների մասին, որոնց ամեն երեկոյան խավավոր թաթմանով ու խոզանակով շփում են լոգարանի մեջ։ Այդ ժամանակ Օսկարը սկսում է նմանվել հնդկացու, շրջապատողները ծիծաղում են, ինձ տարօրինակ, նույնիսկ ոչ լիովին նորմալ են անվանում, քանզի ինչ նշանակություն ունի շրջապատողների աչքում այն հանգամանքը, որ փոքրիկ երեխաներին օճառում են, քերում֊մաքրում են և խավավոր թաթմանով անցնում են նրանց բոլոր սրբազան տեղերի վրայով։

Սակայն Մարիան՝ բնության այդ զավակը, ամենևին չշփոթվելով, իմ ներկայությամբ իրեն թույլ էր տալիս անել ամենավտանգավոր կատակները։ Այսպես, օրինակ, նա ամեն անգամ, նախքան հյուրասենյակի ու ննջասենյակի հատակը լվանալը, պտտելով ազդրերի վրայից ներքև էր իջեցնում մետաքսյա գուլպաները, որոնք նրան նվիրել էր Մացերատը, և որոնք նա վախենում էր, որ կպատռի։

Մի անգամ շաբաթ օրը, արդեն փակելուց հետո, Մացերատը գնաց իր կուսակցական ինչ֊որ գործերով և մենք տանը մնացինք մենակ՝ Մարիան հանեց շրջազգեստն ու վերնաշապիկը ու մնաց մի վատորակ, սակայն խնամքով հարթուկված ներքնաշորի մեջ իմ կողքին՝ սեղանի մոտ, և սկսեց բենզինով շփել֊մաքրել շրջազգեստի, վիսկոզե վերնաշապիկի վրայի բծերը։

Եվ ինչպես ստացվեց, որ հենց նոր Մարիան հանեց վերնազգեստները, իսկ բենզինի հոտը ցնդեց, և նրանից հաճելի, պարզունակ հմայքով վանիլի հոտ էր գալիս։ Արդյոք նա իրեն չէ՞ր շփում այդ համեմունքով։ Թե՞ գոյություն ունեին նման բուրմունքով էժանագին օծանելիքներ։ Թե՞ դա նրա սեփական հոտն էր, որը հատուկ էր նրան այնպես, ինչպես ոմն ֆրաու Քատերի վրայից մշտապես փչում էր անուշադրի հոտը, ինչպես իմ Կոլյայչեկ տատիկը իր շրջազգեստների ներսում մշտապես պահպանում էր փոքր֊ինչ կծված յուղի հոտը։ Օսկարը, որը ցանկանում էր ամեն ինչում հասնել էությանը, զբաղվեց վանիլի խնդրով։ Այսպիսով Մարիան վանիլով չէր շփվում։ Նա ուղղակի բուրում էր վանիլի բուրմունքով։ Ավելին, ես մինչ օրս էլ համոզված եմ, որ Մարիան այդ բուրմունքի առկայության մասին նույնիսկ չէր էլ գիտակցում․ չէ՞ որ երբ կիրակի օրերին կարտոֆիլի շիլայի վրա բուսական յուղ լցրած ծաղկակաղամբով հորթի տապակա մատուցելուց հետո մեզ մոտ, սեղանի վրա երերում էր վանիլային պուդինգը, երերում էր այն պատճառով, որ ես կոշիկով հարվածել էի սեղանի ոտին՝ Մարիան, որը վրան մրգահյութ լցրած մանրաձավարից պատրաստված պուդինգ էր պաշտում, պուդինգից ուտում էր շատ քիչ և այն էլ առանց որևիցե ցանկության, այն դեպքում, երբ Օսկարը մինչև օրս էլ բառի բուն իմաստով սիրահարված է այդ ամենահասարակ և, հավանաբար, գոյություն ունեցող բոլոր պուդինգներից ամենաանհամն։

Քառասունի հուլիսին, այն բանից հետո, երբ արտակարգ տեղեկատվությունները մեզ հաղորդեցին ֆրանսիական արշավի շտապողական֊հաղթական ավարտի մասին, Բալթիկ ծովի ափին սկսվեց լողանալու սեզոնը։ Մինչ Մարիայի եղբայր Ֆրանցը, որը ավագ եֆրեյտոր էր դարձել, Փարիզից մեզ առաջին բացիկներն էր ուղարկում, Մացերատը և Մարիան միասին որոշեցին, որ Օսկարին պետք է տանել լողափ, քանի որ ծովի օդը նրա համար անկասկած օգտակար կլինի։ Ճաշի ընդմիջման ժամանակ, իսկ կրպակը փակ էր լինում մեկից երեքը, Մարիան, ըստ նախատեսվածի, ինձ պետք է տաներ Բրոզենյան լողափ, իսկ եթե նա նույնիսկ մինչև չորսը ուշանա, ասում էր Մացերատը, դա ևս դժբախտություն չէ, ինքը դեմ չէ բազմազանության համար երբեմն կանգնել վաճառասեղանի ետևում, երևալ գնորդների աչքին։

Օսկարի համար ձեռք բերեցին կապույտ լողազգեստ, որի վրա խարիսխ էր կարված, իսկ Մարիան արդեն իր կարմիր եզրերով կանաչը ուներ, այն նրան քույրը՝ Հուստան էր նվիրել առաջին հաղորդության կապակցությամբ։ Լողափնյա պայուսակի մեջ դեռ իմ մայրիկի ժամանակներից գտնվեց սպիտակ ու բրդոտ լողախալաթ, որը մայրիկիս մահից հետո նույն ձևով մնացել էր, իսկ խալաթին ամենաանհրաժեշտ ձևով ավելացան փոքրիկ դույլը, բահիկը և ամենազանազան կաղապարիկները։ Մարիան պայուսակն էր տանում։ Թմբուկը տանում էի ես ինքս։

Օսկարը թեթևակի վախենում էր տրամվայով անցնել Զասպեի գերեզմանատան կողքով։ Հնարավոր է, որ նրան հարկ էր զգուշանալ, որ այդ համր ու այնուհանդերձ այդչափ պերճախոս վայրի տեսքը կարող է փչացնել նրա առանց այն էլ ոչ այնքան եռանդագին լողանալու տրամադրությունը։ Օսկարը ակամա հարց էր տալիս իրեն, թե ինչպես կպահի իրեն Յան Բրոնսկու ոգին, երբ նրա հոգեառը զնգացնող տրամվայով ամառային թեթև հագուստով անցնի նրա գերեզմանի կողքով։

Իններորդը կանգ առավ, մեքենավարը բարձր գոռաց․ «Զասպե»։ Ես կենտրոնացած Մարիայի կողքով նայում էի այնտեղ, որտեղ փռված էր Բրոյզենը և որտեղից, չափսերով դանդաղ մեծանալով, լողալով գալիս է հանդիպակաց տրամվայը։ Միայն թե հայացքս չկտրեմ։ Եվ կամ ի՞նչ կարելի է այնտեղ տեսնել։ Ծովափնյա դալուկ սոճիները, հյուսված ժանգոտ ցանկապատերը, թեքված գերեզմանաքարերի խառնաշփոթը, որոնց վրայի գրությունները կարող էին կարդալ թերևս միայն ծովափնյա ուղտափուշն ու խուլ վարսակը։ Ավելի լավ է հայացքը բաց պատուհանով ուղղել դեպի վեր, ահա շաչում են ցնփոր Յու֊52֊ները, ինչպես կարող են շաչել միայն երեքշարժիչանի ինքնաթիռներն ու մեկ էլ շատ յուղոտ ճանճերը։

Զանգ, և մենք տեղից շարժվեցինք, ու հանդիպակաց տրամվայը փակեց մեր պատուհանները։ Սակայն կցորդի անցնելուց անմիջապես հետո իմ գլուխը ակամա շրջվեց, ես ամբողջությամբ տեսա լքված գերեզմանատունը և հյուսիսային պատի մի կտորը, մարտական տեսքով սպիտակ գիծը, որը չնայած ստվերի մեջ էր, սակայն, միևնույն է, այն դժնակ էր․․․

Իսկ հետո այդ տեղը անցանք ու մոտեցանք Բրոյզենին, և ես կրկին կարող էի նայել Մարիային։ Նա իրենով էր լցրել թեթև, ծաղկավոր ամառային շրջազգեստը։ Թմբլիկ, փայլող վիզը, որն անրակների մասում ներսից առատորեն սնված էր ճարպով, փաթաթված էր մեկը մյուսին հենված փայտե ուլունքների խիտ կարմիր բալերով, դրանք բոլորը միատեսակ չափսի էին և ցուցադրում էին իրենց ճաքճքվող հասունությունը։ Եվ ինչպե՞ս դա եղավ, աչքի՞ս երևաց, թե՞ իրականում գրկեցի այն։ Օսկարը փոքր֊ինչ կռացավ, այո, Մարիան լողափ գնալիս իր հետ էր վերցրել վանիլի հոտը, ռունգերով խորը ներշնչեց բուրմունքը և ինչ֊որ մի ժամանակահատված հաղթահարեց քայքայվող Յան Բրոնսկու մասին հիշողությունը։ Լեհական փոստատան պաշտպանությունը դարձավ պատմություն, դարձավ ավելի շուտ, քան նրա պաշտպանների միսը պոկվեց ոսկորից։ Իսկ Օսկար փրկվածի քթի մեջ բացարձակապես այլ հոտեր էին թագավորում, քան նրանք, որպիսին կարող էր արձակել նրա՝ մի ժամանակ այդքան պերճաշուք, իսկ այժմ նեխող ենթադրայլ հայրը։

Բրոյզենում Մարիան մեկ ֆունտ բալ գնեց, ձեռքիցս բռնեց՝ նա գիտեր, որ Օսկարը թույլ է տալիս միայն իրեն, և ափամերձ սոճիների միջով ինձ ու իրեն տարավ դեպի լողափ։ Չնայած իմ գրեթե տանսվեց տարեկան հասակին՝ ինձ ներս թողեցին կանացի բաժանմունք։ Ջրի ջերմաստիճանը՝ տանութ, օդինը՝ քսանվեց, քամին՝ արևելյան, առանց տեղումների՝ գրված էր սև տախտակի վրա, փրկարար կայանի ցուցատախտակի մոտ, որի վրա խեղդվածներին վերակենդանացնելու հրահանգներ էին փակցված՝ աններդաշնակ ու հնաոճ նկարներով։ Բոլոր ջրախեղդ եղածների հագին զոլավոր լողազգեստներ էին, բոլոր փրկարարները՝ բեղավոր, իսկ նենգ ու վտանգավոր ջրի վրա լողում էի ծղոտե գլխարկները։

Լողափի ոտաբոբիկ տեսչուհին գնում էր առջևից և, կածես մի ոմն մեղսագործուհի, գոտկապատվել էր թոկով, որից կախված էր մի հսկայական բանալի, որը համապտասխանում էր բոլոր խցիկներին։ Փայտե կամրջակներ։ Կամրջակների երկյանքով՝ ճաղաշարեր։ Բոլոր դռների երկայնքով՝ չոր կոկոսե ուղեգորգ։ Մեզ հատկացրեցին համար հիսուներեք խցիկը։ Տաք ու չոր տախտակե պատեր՝ այն բնական կապտասպիտակ գույնի, որը ես թերևս կանվանեի խամրած։ Պատուհանի մոտ՝ հայելի, որն արդեն նույնիսկ ինքն իրեն լուրջ չէր ընկալում։ Սկզբում պետք է հանվեր Օսկարը։ Ես էլ, դեմքով դեպի պատը շրջված, հանվեցի և այդ ընթացքում միայն մեծագույն տհաճությամբ ընդունեցի կողմնակի օգնությունը։ Հետո Մարիան իրեն բնորոշ գործարար ջիղով ինձ շրջեց, ինձ մեկնեց նոր լողազգեստը և ոչինչ հաշվի չառնելով, ինձ ստիպեց խցկվել կիպ գրկող բրդի մեջ։ Ուսակապերս նոր կոճկած՝ նա ինձ արդեն նստեցրեց նստարանի վրա, որը գտնվում էր խցիկի ետին պատի մոտ, ծնկներիս նետեց թմբուկն ու փայտիկները և արագ, ուժեղ շարժումներով սկսեց իր վրայից հանել հագուստը։

Սկզբում ես այնպես, միայն մի քիչ թմբկահարեցի, հետո հաշվեցի հատակի վրայի բոլոր ոստերը, իսկ հետո դադարեցի և՛ հաշվելը, և՛ թմբկահարելը։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ պատճառով Մարիան ծիծաղելիորեն շուրթերը առաջ գցելով, ուղիղ շվշվացնում էր իմ դիմաց․ հագից հանելով կոշիկները, հանելով կարճ գուլպաները՝ նա երկու բարձր, երկու ցածր ձայնաստիճան սուլեց, նա սուլում էր ինչպես գարեջուր կրողը, վրայից հանելով գույնզգույն կտորը, կախեց, շվվացնելով հանեց ներքևի երկար շրջազգեստի վրայից հագած շրջազգեստը, թույլ տվեց, որ կրծկալը ընկնի և դեռ էլի, այդպես էլ մեղեդին չգտնելով, ուժերի լարումով շվացնում էր, մինչև ծնկները իջեցնելով իր վարտիքը, որը, ճիշտն ասած, ոչ մի վարտիք էլ չէր, այլ սպորտային կարճ շալվար։ Այն գցեց ոտքերի վրա, կոլոված շալվարի միջից դուրս եկավ, և ձախ ոտի մատներով շալվարը նետեց մի այնկյուն։

Մարիան Օսկարին վախեցրեց իր եռանկյունիով, որը պատված էր մազերով։ Իր խեղճ մայրիկի ժամանակներից ի վեր նա գիտեր, որ ներքևի մասում կանայք մազազուրկ չեն, սակայն չէ՞ որ Մարիան կին չէր այն իմաստով, որով իր մայրիկը կին էր ներկայանում Մացերատին կամ Յան Բրոնսկուն։

Եվ այստեղ ես անհապաղ ճանաչեցի նրան։ Ցասումը, ամոթը, վրդովմունքը, ափսոսանքի զգացումը և լողազգեստիս տակ սկսված իմ ցնցուղիկի կիսով չափ հետաքրքրաշարժ, կիսով չափ ցավագին փայտացումը ստիպեցին հանուն այդ նոր ի հայտ եկած փայտիկի մոռանալ և՛ թմբուկը, և՛ թմբուկի փայտիկները։

Օսկարը վեր թռավ և նետվեց դեպի Մարիան։ Աղջիկը նրան ընդունեց իր մազերի մեջ։ Նա իր դեմքին թույլ տվեց սերտաճել այդ մազերի հետ։ Մազերը սերտաճեցին նրա շուրթերի միջև։ Մարիան ծիծաղեց, ցանկացավ նրան հեռացնել, իսկ ես էլ ավելի էի կլանում նրան իմ մեջ։ Ես ընկել էի վանիլային բուրմունքի հետքի վրա։ Մարիան չէր դադարում ծիծաղել։ Նա ինձանից իր վանիլը չէր խլում, հավանաբար, դա զվարճացնում էր նրան, զուր չէ, որ նա չէր դադարում ծիծաղել։ Միայն այն ժամանակ, երբ իմ ոտքերը սայթաքեցին և իմ սահումը նրան ցավ պատճառեց, որովհետև ես այդպես էլ բաց չթողեցի նրա մազերը, իսկ միգուցե այդ նրանք ինձ բաց չթողեցին, միայն երբ վանիլը իմ աչքերից արտասուքներ դուրս մղեց, երբ ես առա ոչ թե վանիլի, այլ, ասենք, աղվեսի կամ մի ինչ֊որ նույնչափ խայթող հոտ, միայն թե ոչ վանիլի, երբ այդ հողեղեն հոտը, որը Մարիան թաքցնում էր իր վանիլի տակ, իմ ճակատին մեխեց նեխող Յան Բրոնսկուն և մնացած ողջ կյանքի համար ինձ թունավորեց կողմնակի համով, որն անցավ, միայն երբ ես նրան բաց թողեցի։ Օսկարը ետ սահեց խցիկի խամրած ներկով ներկված տախտակների վրա և չդադարեց լաց լինել, նույնիկ երբ Մարիան, արդեն կրկին ծիծաղելով, նրան բարձրացրեց, գրկեց, շոյեց և սեղմեց հենց այն նույն բալերից պատրաստված փայտե վզնոցին, որն իր վրա էր պահպանել որպես հագուստի միակ պարագա։

Գլուխը թափ տալով՝ նա իր մազերը հավաքեց իմ շուրթերի վրայից և զարմացած արտաբերեց․

― Այ թե դեմք ես դու, խցկվում ես ինքդ էլ չգիտես թե ուր, իսկ հետո դեռ լաց էլ ես լինում։


Փրփրուն ըմպելիքի փոշի

Դուք գիտե՞ք թե ինչ բան է դա։ Առաջներում այն կարելի էր գնել տարվա բոլոր եղանակներին հարթ փոքրիկ տապրակների մեջ։ Իմ մայրիկը մեզ մոտ վաճառում էր այդպիսիները՝ տոպրակներով ասպրիկի համով և զզվելիության աստիճան կանաչ գույնի։ Իսկ տոպրակը, որն իր գույնը փոխ էր առել կիսով չափ խակ նարինջներից, անվանում էր նարնջի համով փոշի փրփրուն ըմպելիքի համար, և էլի կար փոշի ազմվամորու համով, և էլի փոշի, որը եթե ջրում ենք ծորակից եկող մաքուր ջրով, թշշում է, բլթբլթում, սկսում ալեկոծվել, իսկ երբ այն խմում էինք նախքան հանգստանալը, հեռավոր ձևով, շատ հեռավոր ձևով լիմոնի հոտ էր արձակում և ընդունում էր դրան համապատասխանող գույնը, նույնիսկ դրանից ավելին, այն իրեն դրսևորում էր ինչպես արհեստական դեղնության գույն։

Է՞լ ինչ էր գրված տոպրակի վրա՝ բացի նրանից, թե դա ինչ համի է։ Իսկ ահա թե ինչ․ բնական մթերք, պաշտպանված է օրենքով, պահպանել խոնավությունից, իսկ կետագծի ներքևում գրված էր՝ երեսանց պատռել այստեղ։

Է՞լ որտեղ կարելի է նման փոշի գնել։ Այդ տոպրակը կարելի էր ձեռք բերել ոչ միայն իմ մայրիկի կրպակում, այլև գաղութային ապրանքների ցանկացած կրպակում՝ միայն թե ոչ Կայզերի սրճարանում և խոշոր մթերային խանութներում։ Ե՛վ այնտեղ, բոլոր այդ կրպակներում այն վաճառվում էր երեք պֆենինգով։

Ես ու Մարիյան այդ տոպրակները ձրի էինք ստանում։ Միայն երբ չէինք կարողանում համբերել մինչև տուն հասնելը, ստիպված էինք լինում դրանք գնել գաղութային ապրանքների կրպակներից կամ ըմպելիքներ վաճառող փոքրիկ խանութներից՝ դրանց վրա ծախսելով երեք պֆենինգ կամ ամբողջ վեց, քանի որ մի տոպրակը մեզ չէր բավականացնում, մենք ուզում էինք երկուսը ստանալ։

Մեզանից ո՞վ սկսեց առաջինը։ Երկու սիրող սրտերի հայտնի վեճ։ Ես ասում եմ՝ սկսեց Մարիան։ Մարիան երբեք չի հաստատել, որ առաջինը Օսկարն է սկսել։ Նա հարցը թողել է բաց, իսկ եթե նրան կողմնապահորեն հարցաքննեինք, կպատասխաներ․ «Փոշին ինքը սկսեց»։

Եվ, իհարկե, յուրաքանչյուր մարդ կհամաձայներ Մարիայի հետ։ Միայն Օսկարը չէր ցանկանում այդ մեղադրական դատավճիռն ընդունել։ Ես այդպես էլ ոչ մի անգամ չկարողացա խոստովանել․ փրփուրն ըմպելիքի համար երեք պֆենինգ արժողությամբ տոպրակը կարողացավ Օսկարին գայթակղել։ Այդ ժամանակ ես տասնվեց տարեկան էի և մեծ նշանակություն էի տալիս այն բանին, որ մեղքն ընկնի իմ կամ գոնե Մարիայի, միայն թե ոչ փոշու վրա, որը անհրաժեշտ էր խոնավությունից պաշտպանել։

Ամեն ինչ սկսվեց իմ ծննդյան տոնից մի քանի օր անց։ Օրացույցի համաձայն լողալու ժամանակը մոտենում էր ավարտին։ Սակայն եղանակը չէր ուզում խոստովանել սեպտեմբերի մոտեցումը։ Համատարած անձրևային օգոստոսից հետո ամառը հրամցրեց, հանձնեց ամենը, ինչի նա ունակ է, և նրա ուշացած նվաճումները կարելի էր ընթերցել փրկարար կայանի ցուցապաստառի կողքի տախտակի վրա, որը մեխված էր փրկարարի խցիկին․ օդը քսանինը, ջուրը՝ քսան, քամին՝ հարավ֊արևելյան՝ առավելապես պարզ։

Մինչ Ֆրից Տրուչինսկին, որպես ավիացիայի ավագ եֆրեյտոր, մեզ բացիկներ էր ուղարկում Փարիզից, Կոպենհագենից, Օսլոյից ու Բրյուսելից՝ նրան անընդհատ տեղից տեղ էին տեղափոխում, ես ու Մարիան մի լավ արևահարվեցինք։ Հուլիս ամսին մենք մշտական տեղ ունեինք ընտանեկան լողափի արևելյան կողմում։ Սակայն քանի որ այնտեղ Մարիային մշտապես հոգնեցնում էին Կոնրադի գիմնազիայի կարմրաշալվար դասարանցիների տափակ կատակները և Պետրիշի ավագ դպրոցի ինչ֊որ մի իններորդ դասարանցու միապաղաղ բազմախոս զեղումները, մենք օգոստոսի կեսին հրաժարվեցինք ընտանեկան լողարանից և քոչեցինք դեպի առավել հանգիստ տեղ՝ մանկական լողարանում՝ գրեթե ջրի կողքին, որտեղ բալթյան ալեբախության նման գեր և ծանր հևացող տիկինները ջուրն էին մտնում մինչև ծնկատակի փոսերի արյունատար անոթները, որտեղ մերկ և վատ դաստիերակված փոքրիկ երեխաները մարտնչում էին ճակատագրի դեմ՝ այլ խոսքերով, ավազի վրա ամրոցներ էին կառուցում, որոնք անխուսափելիորեն անմիջապես էլ փլվում էին։

Կանանց լողափում, երբ կանայք գտնվում են կանանց շրջապատում և վստահ են, որ ոչ ոք իրենց չի հետևում, պատանուն, որին Օսկարը հմտորեն թաքցնում էր իր մեջ, մնում էր միայն աչքերը փակել, որպեսզի չդառնա կանանց անքաղաքավարի էության ակամա լրտեսը։

Մենք պառկում էինք ավազի վրա, Մարիան՝ կարմիր եզրերով կանաչ լողազգեստով, ես զոռով վրաս էի քաշել իմ կապույտը։ Ավագը քնեց, ծովը քնեց, խխունջները տրորված էին և չէին կարող մեզ լսել։ Սաթը, որը սովորաբար փախցնում է քունը, պետք է ենթադրել, որ գտնվում էր ուրիշ այլ տեղում, քամին, որը եթե հավատանք սև տախտակին, մեզ մոտ էր գալիս հարավ֊արևելքից, նույնպես դանդաղ քնեց, և ողջ լայնատարած, հավանաբար խոնջացած երկինքը չէր կարողանում զսպել հորանջը, և ես ու Մարիան էլ կարծես թե հոգնել էինք։ Լողանալը մենք արդեն լողացել էինք, լողանալուց հետո, և ոչ թե դրանից առաջ՝ սնվել։ Այժմ դեռ խոնավ կորիզների տեսքով բալերը պառկած էին անցյալ տարվա՝ արդեն սպիտակության աստիճան չորացած կորիզների կողքին։

Նման ոչ հարատևությունը դիտելով՝ Օսկարը թույլ տվեց, որ ավազը մեկ տարեկան, հազարամյա և դեռ ամենևին թարմ բալերի կորիզների հետ միասին ծորա իր թմբուկի վրա, նման ձևով գիշերային ժամացույց պատրաստեց և փորձեց ոսկորների հետ խաղալով իրեն երևակայել մահվան դերում։ Մարիայի քնած տաք մարմնի տակ ես պատկերացրեցի նրա հաստատապես արթուն կմախքի մասերը, ուրախացա նրա արմունկոսկրի և ճաճանչոսկրի միջև եղած տարածության համար, նրա ողնաշարի վրայով վերև ու ներքև շարժվելով, համրանքախաղ խաղացի, երկու անցքերի միջով ներթափանցեցի նրա կոնքի մեջ և հրճվեցի՝ դիտահայելով թրաձև ելուստը։ Սակայն հակառակ հաճելի ժամանցի, որը ես ավազե ժամացույցի հետ մահվան դերում ինքս էի ստեղծել իմ համար, Մարիան շարժվեց և կուրորեն, հույսը միայն իր մատների վրա դնելով, ձեռքը մտցրեց լողափի պայուսակի մեջ և ինչ֊որ բան փնտրեց այնտեղ, մինչ ես վերջին կորիզների հետ ավազի մնացորդներն էի բաց թողնում հենց իմ կիսով չափ քնած թմբուկի վրա։ Իսկ քանի որ Մարիան չգտավ այն, ինչ ոզում էր, իր շրթնահարմոնը, պետք է ենթադրել, որ նա շուռ տվեց պայուսակը, և անմիջապես լողափի ավազների վրա հայտնվեց ամենևին էլ ոչ թե հարմոնը, այլ փրփրուն փոշու տոպրակը։

Մարիան զարմանք պատկերեց։ Իսկ միգուցե նա իսկապե՞ս զարմացավ։ Իսկ այ ես իսկապես էլ այնքան էի զարմացած, որ չէի հոգնում կրկնելուց և մինչ օրս էլ կրկնում եմ, ինչպե՞ս այդ փոշին հայտնվեց, այդ էժանությունը, որը գնում են միայն գոծազուրկների երեխաները և մեկ էլ բեռնակիրները, որովհետև նրանք իսկական լիմոնադի համար փող չունեն, այդ բացարձակապես պահանջարկ չունեցող ապրանքը ինչպե՞ս ընկավ մեր պայուսակի մեջ։ Այնուամենայնիվ, մինչ Օսկարը դեռ տարված էր այդ հարցի շուրջ մտորումներին, Մարիան ուզում էր խմել։ Ես էլ ստիպված եղա, իմ կամքին հակառակ, կտրելով մտքիս թելը, խոստովանել, որ ես էլ եմ ուժեղ ծարավ զգում։ Մենք մեզ հետ բաժակ չէինք վերցրել, մինչև խմելու ջրի ծորակը առնվազն երեսունհինգ քայլ էր, եթե Մարիան ջրի մոտ գնար, և հիսունից ոչ պակաս, եթե ես գնայի։ Ինչը նշանակում էր․ եթե բաժակի ետևից գնաս հսկիչի մոտ կամ բաց անես նրա խցիկի կողքի ծորակը, ստիպված կլինես տանջվել շիկացած արևի արանքներում «Նիվեա» քսուկից փայլողներից, որոնք մսե սարերի տեսքով պառկած են մեջքի կամ փորի վրա։ Մեզ երկուսիս էլ վախեցնում էր այդ հեռավոր ճանապարհը, և այդ իսկ պատճառով էլ տոպրակը թողեցինք սավանի վրա։ Վերջում ես այն վերցրեցի ավելի շուտ, քան դա հասցրեց անել Մարիան։ Սակայն Օսկարը տոպրակը դրեց նախկին տեղը, որպեսզի Մարիան կարողանա այն վերցնել։ Իսկ Մարիան չէր վերցնում։ Այդ ժամանակ ես ինքս այն վերցրեցի ու մեկնեցի Մարիային։ Իսկ Մարիան այն վերադարձրեց Օսկարին։ Իսկ ես շնորհակալություն հայտնեցի և այն նվիրեցի Մարիային։ Իսկ նա Օսկարից ոչ մի նվեր չէր ցանկանում ընդունել։ Ստիպված եղա տոպրակը դնել նախկին տեղը, որտեղ էլ այն առանց շարժվելու բավականին ժամանակ մնաց։

Օսկարը ինքն իր համար նկատեց, որ տանջալի դադարից հետո Մարիան վերցրեց տոպրակը։ Ավելին, նա թղթի շերտը կտրեց հատկապես այն տեղում, որտեղ կետագծի ներքևում գրված էր՝ պատռել այստեղ։ Այնուհետև նա բացած տոպրակը մեկնեց ինձ։ Այս անգամ էլ Օսկարը շնորհակալությամբ հրաժարվեց։ Մարիային հաջողվեց իրեն նեղացածի տեսք հաղորդել և մեծագույն վճռականությամբ բացված տոպրակը դրեց սավանի վրա։ էլ ի՞նչ էր ինձ մնում անել, եթե ոչ միայն իմ հերթին բռնել տոպրակը՝ նախքան նրա մեջ ավազ կթափվեր, և բռնելով առաջարկել Մարիային։

Օսկարը արձանագրում էր, որ հենց Մարիան մի մատը մտցրեց կտրվածքի մեջ, որ հենց նա այնտեղից դուրս հանեց մատը և ուղղահայաց դիրքով այն պահեց ի ցույց, մատի ծայրին ինչ֊որ սպիտակաերկնագույն բան երևաց՝ փրփրուն ըմպելիքի փոշին։ Նա իր մատը առաջարկեց ինձ, և ես, բնականաբար, առաջարկվածը վերցրեցի։ Չնայած սուր հոտը դիպավ իմ քթին՝ դեմքիս հաջողվեց համեղություն արտահայտել։ Իսկ Մարիան մեկնեց իր ափը։ Իսկ Օսկարը չկարողացավ դիմանալ և այդ վարդագույն պնակի մեջ մի քիչ փոշի լցրեց։ Նա չգիտեր, թե հետո ինչ անի լցվածի հետ։ Նրա ափի մեջտեղի թմբիկը չափից դուրս նոր և չափից դուրս զարմանալի էր նրա համար։ Այդ ժամանակ ես կռացա, ողջ թուքս, ինչքան որ կար, հավաքեցի բերանիս մեջ և նրանով թացացրեցի փոշին, կրկնեցի խորամանկությունս և նախկին դիրքս ընդունեցի միայն այն ժամանակ, երբ իմ բերանում ընդհանրապես թուք չմնաց։

Մարիայի ափի վրայի փոշին սկսեց թշշալ ու փրփրել։

Ասպրիկը հրաբուխի նման սկսեց ժայթքել։ Այստեղ եռում էր կանաչավուն ցասումը՝ էլ չգիտեմ էլ, թե որ ազգի։ Այստեղ տեղի է ունենում այնպիսի մի բան, ինչը Մարիան դեռ չէր տեսել և, հնարավոր է, նաև չէր էլ զգացել, քանզի նրա ձեռքը ցնցվեց, դողաց, ցանկացավ թռչել, որովհետև պարզվեց, որ ասպրիկը կծում է, որովհետև ասպրիկը ներթափանցում է նրա մաշկի մեջ, որովհետև հուզում էր նրան, նրա մեջ զգացմունք էր արթնացնում, ղգացմունք, զգացմունք․․․

Չնայած կանաչ զանգվածը անսանձ բազմանում էր, Մարիան կարմրեց, ափը մոտեցրեց շուրթերին, լեզուն երկար առաջ բերելով՝ այն լպստեց, այդ գործողությունը այնպիսի մոռացությամբ մի քանի անգամ կրկնեց, որ Օսկարը արդեն պատրաստ էր մտածել, որ Մարիայի լեզուն չի ոչնչացնում ասպրիկի այդչափ հուզող զգացումը, այլ ընդհակառակը, առավելագույն չափով կամ այդ առավելագույնից անց վսեմացնում է նրան, ինչը սովորաբար հատկանշական է մեր բոլոր զգացմունքների համար։

Այնուհետև զգացմունքը թուլացավ։ Մարիան հռհռաց, նայեց իր չորս կողմը՝ տեսնելու, թե ասպրիկի վկաներ չկա՞ն, արդյոք, այնտեղ քանզի տեսնելով, որ ծովային կովերը, որոնք փնչացնում էին իրենց լողազգեստների մեջ, անհաղորդ և «Նիվեա» արևառված բերանքսիվայր պառկել էին շուրջբոլորը, կրկին ընկավ իր սավանի վրա։ Այդքան սպիտակ ֆոնի վրա ամոթի ներկը նրան դանդաղ լքեց։ Հավանաբար կեսօրյա ժամի լողանալու եղանակին դեռ կհաջողվեր Օսկարին ընկղմվել քնի մեջ, եթե Մարիան մոտ կես ժամ անց չմտադրվեր երկրորդ անգամ ուղղվել և հարձակում նախաձեռնել՝ այս անգամ արդեն կիսով չափ լցված տոպրակի վրա։ Չեմ կարող ասել, նախքան փոշու մնացորդը դատարկ բռի մեջ լցնելը, պայքարո՞ւմ էր, արդյոք, ինքն իր հետ նա, որ արդեն յուրացրել էր դրա ազդեցությունը։ Նա տոպրակը ձախ կողմից, իսկ ձեռքի ափը՝ աջից, որպես անշարժ հակակշիռ պահեց մոտավորապես այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, որպեսզի տրորի աչքերը։ Եվ սխալ կլինի ասել, որ նա հայացքը հառել էր տոպրակի կամ դատարկ ձեռքի ափի վրա, որ նրա հայացքը շրջում էր կիսադատարկի և լրիվ դատարկի միջև, ոչ, Մարիան տոպրակի ու ձեռքի մեջտեղով ինչ֊որ տեղ էր նայում և այդ անելիս՝ նրա աչքերը խիստ էին ու մութ։ Սակայն ես դեռ առաջիկայում պետք է իմանայի, թե որքանով է այդ հայացքը թույլ, քան կիսով չափ օգտագործված տոպրակը։ Տոպրակը մոտեցավ տակը պահված բռին, բուռը դուրս եկավ տոպրակին ընդառաջ, հայացքը կորցրեց իր մռայլ խոհերով հագեցած խստությունը, սկզբում լցվեց ժլատ հետաքրքրասիրությամբ, իսկ հետո էլ ուղղակի ժլատությամբ։ Մարիան ցուցադրական անտարբերությունը, սկսզբում լցվեց ժլատ հետաքրքրասիորումթամբ փոշու մնացորդը լցրեց իր թմբլիկ և, չնայած շոգին, չոր ափի մեջ, այնուհետև անտարբերության հետ մեկտեղ դեն նետեց տոպրակը, ազատ մնացած ձեռքը ներքևից մոտեցրեց փոշով լի բռին, հայացքը կանգնեցրեց փոշու վրա, այնուհետև նայեց ինձ, ինձ վրա տեղափոխեց մոխրագույն հայացքը, մոխրագույն աչքերով ինչ֊որ բան պահանջեց, կամեցավ իմ թուքը, իսկ ինչո՞ւ չվերցնի իր սեփականը։ Օսկարի մոտ թուք գրեթե չէր մնացել, նա հաստատ ավելի շատ ուներ, թուքը այդքան արագ չի հավաքվում, ավելի լավ է իրենը վերցներ, նրա թուքը ոչնչով վատ չէ, իսկ միգուցե և ավելի լավն է, և, անկասկած, նա այժմ ավելի շատ թուք ունի, քան ես, չէ՞ որ ես չէի կարող այդքան արագ շատ թուք կուտակել, և բացի այդ էլ Մարիան ավելի մարմնեղ էր քան ես։

Մարիան, սակայն, իմ թուքն էր ուզում ստանալ։ Այսինքն՝ սկզբից ևեթ պարզ էր, որ խոսք կարող է լինել միայն իմ թքի մասին։ Նա ինձանից չէր հեռացնում իր պահանջկոտ հայացքը, և ես նման կոշտ անզիջումության համար մեղքը դնում էր նրա ականջաբլթակների վրա, որոնք ոչ թե ազատ էին, այլ սերտաճած։ Եվ Օսկարը տեղի տվեց, սկսեց պատկերացնել իրեն այն առարկաները, որոնց տեսքից սովորաբար նրա ախորժակը գրգռվում էր, սակայն ծովի օդը, ծովի, աղի օդն էր մեղավոր, որ թքագեղձերը չգործեցին, և Մարիայի դրդիչ հայացքի ներքո ես ստիպված էի վեր կենալ ու ճամփա ընկնել։ Եթե նայելու չլինեի ոչ ձախ, ոչ աջ, ապա շիկացած ավազի վրայով պետք է հիսում քայլ անեի, բարձրանայի էլ ավելի շիկացած աստիճանների վրայով դեպի տեսուչի խցիկը, բերանս բաց՝ պտտելով բաց անեի ծորակը, գլուխս կողքի թեքած պահեի շիթի տակ, խմեի, բերանս ողողեի, կուլ տայի, որպեսզի Օսկարի բերանում կրկին թուք առաջանար։

Երբ ես հաղթահարեցի տեսուչի խցիկից մինչև մեր սպիտակ սավանն ընկած անսահմանությունը, որքան էլ այն անսահման էր, որքան էլ գարշելի տեսարաններ բացվեցին իմ ուղու երկու կոմերում, ես տեսա, որ Մարիան պառկած է փորի վրա՝ գլուխը խաչված ձեռքերի տակ թաքցրած։ Նրա ծամերը փռվել էին կլոր մեջքի վրա։

Ես հրեցի նրան, որովհետև Օսկարն այժմ թուք ուներ։ Մարիան չշարժվեց։ Ես մեկ անգամ ևս հրեցի, ձայն֊ձույն չկա։ Ես զգուշորեն բացեցի նրա ձախ ափը։ Նա չէր դիմադրում, պարզվեց, որ ափը դատարկ է, կարծես կյանքում ոչ մի փոշի էլ չի տեսել։ Ես ուժ գործադրելով բացեցի նրա աջ ձեռքի մատները․ գծերը խոնավ էին, ափը վարդագույն, տաք ու դատարկ։ Միգուցե Մարիան սեփական թո՞ւքն էր գործի դրել։ Միգուցե չի կարողացել համբերել մինչև ես գամ։ Կամ ուղղակի հանգցնելով իր զգացմունքները՝ այն չզգալով ձեռքի ափի միջից փչել, թափե՞լ է փոշին, սավանին քսելով սրբել֊չորացրե՞լ է ձեռքը, նախքան ես՝ լուսնի խաղի ներքո, կրկին կբացեի նրա ափը։

Դրանից քիչ անց մենք գնացինք տուն, և Օսկարին այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե ստիպե՞ց արդյոք, Մարիան, որպեսզի թշշացող փոշին այդ օրը երկրորդ անգամ փրփրի, թե՞ միայն մի քանի օր անց այդ փոշու և իմ քթի խառնումը կրկրնելով, դարձավ մեղք, դարձավ իմ ու նրա մեղքը։

Դիպվածը կամ ասենք դիպվածը, որը ենթարկեցված էր մեր ցանկություններին, դասավորվեց այնպես, որ այդ նույն լողանալու օրվա երեկոյան, մենք նոր էինք հասցրել ճաշին կարտոֆիլով, յուղաբլիթով և հապալասով ապուր ուտել, Մացերատը բոլոր մանրամասներով մեզ բացատրեց, որ քաղաքային կուսակցական կազմակերպության շրջանակներում դարձել սկատի սիրահարների փոքրիկ ակումբի անդամ և այդ իսկ պատճառով շաբաթական երկու անգամ գարեջրատանը կհանդիպի իր նոր խաղընկերների հետ, որոնք բոլորը, ինչպես և ինքը, ղեկավարում են սկզբնական բջիջները, և որ տեղական կազմակերպության նոր ղեկավար Սելկեն ևս երբեմն անգամ, վառված լույսը տեսնելով, կայցելի իրենց և գոնե այդ մեկ պատճառով նա ստիպված կլինի լինել այնտեղ, իսկ մեզ, ցավոք, կթողնի միայնակության մեջ։ Ավելի լավ կլիներ, եթե սկատին նվիրվելիք երեկոները Օսկարը մնար Տրուչինսկի մայրիկի մոտ։

Տրուչինսկի մայրիկը դեմ չէր, նամանավանդ, որ այդ տարբերակը շատ, ավելի շատ էր նրա սրտով, քան այն առաջարկը, որը Մացերատն արել էր նախորդ օրը՝ Մարիայի հետ չխորհրդակցելով։ Նրա տարբերակի համաձայն ես պետք է գիշերեի Տրուչինսկի մայրիկի մոտ, իսկ անձամբ Մարիան երկու շաբաթը մեկ անգամ գիշերն անցկացներ մեր թախտի վրա։ Սկզբնական շրջանում Մարիան քնում էր այն լայն անկողնում, որտեղ նախկին ժամանակներում իր կտրտված թիկունքն էր հանգեցնում իմ ընկեր Հերբերթ Տրուչինսկին։ Կահավորման այդ զանգվածային առարկան դրված էր ամենահեռու, փոքրիկ սենյակում, իսկ Տրուչինսկի մայրիկը քնում էր հյուրասենյակում։ Հուստա Տրուչինսկին, որը առաջվա պես «Էդեմ» հյուրանոցում սառը խորտկեղեն էր մատուցում, այնտեղ էլ հենց ապրում էր, աշխատանքայն օրերին մեկ֊մեկ այցելում էր, հազվադեպ էր գիշերը տանը մնում, իսկ եթե նույնիսկ մնում էլ էր, ապա բազմոցի վրա էր քնում։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արձակման վկայականը հեռավոր երկրներից նվերներով ուղղակի բնակարան էր մտնում Ֆրից Տուրչինսկին, մեր ոչ այն է ճակատայինը, ոչ այն է գործուղվածը քնում էր Հերբերթի անկողնում, Մարիան՝ Տրուչինսկի մայրիկի անկողնում, իսկ անձամբ ծեր կինը իր կոշտ անկողինն էր բացում բազմոցի վրա։

Իմ պահանջմունքները խախտում էին ընդունված կարգը։ Սկզբում նրանք որոշեցին ինձ անկողին գցել բազմոցի վրա։ Ես դեմ եղա այդ մտադրությանը՝ կարճ և հաստատուն։ Այդ ժամանակ Տրուչինսկի մայրիկը որոշեց ինձ զիջել իր ծերունական մահճակալը և բավարարվել բազմոցով, սակայն այստեղ դեմ ելավ Մարիան։ Աղջիկը չէր ցանկանում, որպեսզի այդ անհարմարությունները խանգարեն իր ծեր մոր անձնական հանգստին և իր կողմից պատրաստակամություն հայտնեց ինձ հետ կիսել Հերբերթի նախկին մատուցողական անկողինը, ընդ որում իր միտքն արտահայտեց հետևյալ խոսքերով․

― Դե, ուրեմն, ես Օսկարի հետ կքնեմ նույն անկողնում․ չէ՞ որ նա մեզ մոտ մեկ չափաբաժնի մեկ ութերորդ մասն է կազմում։

Ստացվեց այնպես, որ հաջորդ շաբաթվանից Մարիան երկուական անգամ իմ անկողնու պարագաները մեր առաջին հարկի բնակարանից տեղափոխում էր իրենց մոտ երրորդ հարկ և ինձ ու իմ թմբուկի համար անկողին էր բացում իր ձախ կողմում։ Մացերատի թղթախաղի առաջին գիշերը բացարձակապես ոչինչ տեղի չունեցավ։ Հերբերթի մահճակալը ինձ չափից դուրս մեծ թվաց։ Առաջինը պառկեցի ես, Մարիան ավելի ուշ եկավ։ Նա խոհանոցում լվացվեց և հայտնվեց ծիծաղելու աստիճան երկար և հնամյա ոճով գիշերային վերնաշապիկով։ Օսկարը, որը սպասում էր, թե նա կհայտնվի մերկ և մազոտ եռանկյունիով, սկզբում հիասթափվեց, սակայն հետո նույիսկ բավարարվածություն զգաց, որովհետև նախատատիկյան սնդուկից հանված կտորը թեթև ու հաճելի կամուրջ գցեց դեպի քույրական խալաթի սպիտակ ծալքերը։

Կոմոդի առջև կանգնած՝ Մարիան քանդում էր հյուսերը և միաժամանակ շվշվացնում։ Ամեն անգամ հագնվելիս կամ հանվելիս, մազերը հյուսելիս կամ քանդելիս Մարիան շվշվացնում էր։ Նույնիսկ ուղղակի մազերը սանրելիս նա անընդհատ առաջ գցած շուրթերի միջից դուրս էր հրում այդ երկու նոտաները, սակայն ոչ մի մեղեդի նրա մոտ չէր ստացվում։

Սանրը դնելով մի կողմ՝ նա դադարում էր շվացնելը։ Նա շրջվում էր, ևս մեկ անգամ տարուբերում գլուխը, մի քանի շարժումներով կարգ ու կանոն էր հաստատում իր կոմոդի վրա, հաստատված կարգ ու կանոնը նրան համակում էր ուրախ աշխուժությամբ, նա իր լուսանկարված սև եբենոսափայտ շրջանակի մեջ առնված բեղավոր հորը օդային համբյուր էր ուղարկում, հետո իր ավելորդ ծանրաքաշությամբ թռչում էր մահճակալի մեջ, մի քանի անգամ վերմակի վրա վեր֊վեր էր թռչում։ Վերջին թռիչքի ժամանակ օդից բռնում էր վերին փետրաներքնակը և այդ բմբուլե սարի տակ մինչև դունչը թաքնվելով, ոչ մի կերպ չդիպչելով ինձ, որ պառկած էի սեփական վերմակիս տակ, վերմակի տակից կլորիկ ձեռքով մեկ անգամ ևս լողում էր վեր, ինչից նրա թևքը վեր էր քաշվում, փնտրում էր իր գլխավերևի թոկը, որպեսզի այն քաշելով հանգցնի լույսը, գտնում էր, քաշում և արդեն մթության մեջ չափից դուրս բարձր ձայնով ինձ ասում․ «Բարի գիշեր»։

Շատ շուտով Մարիայի շնչառությունը դառնում էր համաչափ։ Հնարավոր է, որ նա ամենևին էլ չէր ձևացնում, այլ իսկապես քնում էր, քանի որ նրա ամենօրյա աշխատանքային նվաճումներին կարող էին և պետք է որ հետևեին նույնչափ նշանակալի նվաճումները քնելու մասով։

Իսկ Օսկարին սակայն երկար ժամանակ ուշադրության արժանի և քունը փախցնող պատկերներ էին հայտնվում։ Որքան էլ որ պատերի միջև և պատուհանի լույսը մեկուսացնող թղթի միջև եղած խավարը ծանր կախվում էր ցած, միևնույն է, սպիտակահեր գթության քույլրերը խոնարհվում էին Հերբերթի՝ սպիներով ծածկված թիկունքի վրա, Լեո Խենթուկի ճմռթված սպիտակ վերնաշապիկը՝ ինքը գոյանում էր ինքնաբերաբար, վեր էր ածվում սպիտակ ճայի և թռչում, թռչում, մինչև որ կոտրվեր՝ դիպչելով գերեզմանատան պատին, իսկ պատը դրանից հետո թվում էր, թե նոր է սպիտակեցված, դե և այդպես շարունակ։ Եվ միայն երբ գնալով ամրացող, խոնջություն փչող֊բերող վանիլի բուրմունքը ստիպում էր թրթռալ, իսկ հետո, քնից առաջ ընդհանրապես կտրում էր ժապավենը, Օսկարի մեջ հաստատվում էր այն նույն հանգստությունը, հավասարաչափ շնչառությունը, որը Մարիան վաղուց էր արդեն ձեռք բերել։

Քնելու պատրաստվող աղջկա մասին Մարիան նույնչափ քրեստոմատիկական բարեվայելուչ պատկերացում ներկայացրեց նաև երեք օր անց։ Նա եկավ գիշերային վերնաշապիկով, մազերը քանդելով շվշվացնում էր, երբ սանրվում էր, մի կողմ դրեց սանրը, դադարեց շվշվացնելը, կարգ ու կանոն հաստատեց կոմոդի վրա, լուսանկարին օդային համբյուր ուղարկեց, չափազանցված թռիչք կատարելուց դեպի անկողին, ճոճվեց, բռնեց վերմակը և տեսավ, ես միայն նրա թիկունքը կարող էի տեսնել, տոպրակ տեսավ, ես հիանում էի նրա երկար մազերով, նա փետրաներքնակի վրա ինչ֊որ կանաչ գույնի բան հայտնաբերեց, ես փակեցի աչքերս, որոշեցի սպասել մինչև նա ընտելանա փրփրող ըմպելիքի համար փոշու տեսքին, սակայն այդ ժամանակ ճտճտաց անջատիչը, և երբ ճտտոցը ստիպեց, որ ես աչքերս բացեմ, Օսկարը կարող էր համոզվել այն բանում, ինչը առանց այն էլ գիտեր։ Մարիան անջատել էր լույսը, նա մթության մեջ ջղային շնչում էր, նա չկարողացավ ընտելանալ տոպրակի տեսքին, սակայն բաց էր մնում հարցը․ նրա կողմից ստեղծած մթությունը չի՞ սաստկացնում, արդյոք, տոպրակի գոյությունը, արդյոք այդ մթությունը չի՞ ստիպում, որպեսզի ասպրիկը առավել փարթամ գույներով ծաղկի, չի՞ հագեցնում, արդյոք, նա գիշերը ածխաթթվի պղպջակներով։

Ես արդեն պատրաստ էի հավատալ, որ մթությունը Օսկարի համախոհն է։ Քանզի ընդամենը մի քանի րոպե անց, եթե ընդհանրապես տեղին է բացարձակ մութ սենյակի մեջ խոսել րոպեների մասին, ես մահճակալի գլխամասում շարժում զգացի․ Մարիան սկսեց որսալ թոկը, թոկը կերավ խայծը, ինչից հետո ես կրկին կարող էի հիանալ ցցի պես կանգնած վերնաշապիկի վրա թափված երկար մազերով։ Որքան հավասարաչափ և դեղին գույնով էր ննջասենյակը լուսավորում ծալազարդված լուսամփոփի տակի լամպը։ Ոտքերիս մոտ կուզիկացել էր դեն նետված և անձեռնմխելի փետրաներքնակը։ Իսկ ահա այդ բլրակի վրայի տոպրակը մթության մեջ չէր կարողացել տեղից շարժվել։ Մարիայի վրա խշխշաց տատիկի գիշերային վերնաշապիկը, իրեն պատկանող թմբլիկ ձեռքի ափի հետ ետ գնաց թևքը, և Օսկարը սկսեց թուքը հավաքել բերանի մեջ։

Հետագա շաբաթների ընթացքում մենք տասից ավելի տոպրակներ դատարկեցինք, որի մեծ մասը ասպրիկի համով էր, հետո, երբ ասպրիկը վերջացավ, կիտրոնի ու ազնվամորու համով, ընդ որում մեկ և միևնույն ձևով, իմ թքի օգնությամբ ստիպում էինք թշշալ, որը Մարիայի համար գնալով ավելի ու ավելի հաճելի զգացումներ էր առաջացնում։ Ես թքի կուտակման մեջ հմտացա, ես ամեն կարգի խորամանկությունների էի դիմում, որպեսզի բերանիս մեջ թուքը հայտնվի մեծ չափով և արագ, և շուտով արդեն կարողանում էի մեկ֊մեկ տոպրակի օգնությամբ Մարիայի մոտ երեք անգամ անընդմեջ առաջ բերել ցանկալի զգացումը։

Մարիան լիովին գոհ էր Օսկարից, երբեմն նրան սեղմում էր իրեն, իսկ փրփրող ըմպելիքից հագենալով, երկու, երեք անգամ համբուրում էր դեմքս ուր պատահի, ինչից հետո շուտով քնում էր, սակայն դեռ դրանից առաջ Օսկարը մթության մեջ կարճ քմծիծաղ էր լսում։

Եվ ահա օր օրի ինձ համար ավելի ու ավելի դժվար էր դառնում քնելը։ Ես արդեն դարձել էի տասնվեց տարեկան, առաջնորդվում էի կենդանի երևակայությամբ և Մարիայի հանդեպ իմ սերն արտահայտելու՝ քուն փախցնող անհրաժեշտությամբ։ Անհրաժեշտություն ունեի իմ այդ սերը արտահայտել նոր, դեռ բոլորովին անհայտ ձևերով, որոնք, սակայն, դարձյալ անփոփոխ բերում էին այդ մեկ և միևնույն զգացմունքին։

Օսկարի մտորումները չէին սահմանափակվում միայն այն պահով, երբ հանգչում էր լույսը։ Օրեր շարունակ ես անդուլ աշխատում էի իմ թմբուկի վրա և տրվում էի մտորումներին, թերթում էի պատռվելու աստիճան շատ ընթերցված ռասպուտինյան պրակները, վերհիշում էի Գրեթխեմ Շեֆլերի և իմ խեղճ մայրիկի մասնակցությամբ նախկին կրթական օրգիաները, հարց էի տալիս նաև Գյոթեին, որից առանձին պրակներով ունեի «Ընտրովի ազգակցություններ»֊ը, ինչպես և «Ռասպուտինին»֊ը։ Կարճ ասած՝ վերցնում էի հրաշագործի փոթորկուն ակտիվությունը, այն հարթեցնում էի ողջ աշխարհը ընդգրկող բանաստեղծների արքայի բնական զգացմունքով, կամ Մարիային օժտում էի թագուհու և մասամբ իշխանուհի Անաստասիայի արտաքինով։ Ռասպուտինի շքախմբից ընտրում էի արտասովոր ազնվական կանանց, որպեսզի քիչ անց, չընդունելով չափից դուրս փոթորկուն կրքերը, Մարիային տեսնեի Օթթիլիայի ոչ երկրային թափանցիկության և կամ Շարլոթի արհեստականորեն ճնշված կրքոտության մեջ։ Անձամբ իրեն Օսկարը մեկ տեսնում էր որպես Ռասպուտին, մեկ որպես Ռասպուտինին սպանող, շատ հաճախ ատաման, առավել հազվադեպ՝ որպես այն անվճռական մարդը՝ Շառլոթի ամուսինը։ Իսկ մեկ անգամ (ազնվորեն խոստովանում եմ) որպես հանճար, որը Գյոթեի հանրահայտ արտաքինով պտտվում է քնած Մարիայի գլխավերևում։

Տարօրինակ ձևով ես ավելի շատ ազդակներ գրականությունից էի վերցնում, քան չպաճուճված իրական կյանքից։ Եվ այդ իսկ պատճառով Յան Բրոնսկին, որին ես ավելի քան հաճախ էի բռնացնում իմ խեղճ մայրիկի մարմնի վրա աշխատելիս, գրեթե ոչինչ չէր կարող ինձ սովորեցնել։ Թեև ես գիտեի, որ մայրիկի ու Յանի, երբեմն էլ մայրիկի ու Մացերատի մարմինների միախառնված գունդ կծիկների փոթորկոտ, այնուհետև անուժ տնքոցները սեր են նշանակում, Օսկարը չէր ցանկանում հավատալ, որ սերը հենց այդպիսի սերն է, սիրո մեջ այլ սեր էր փնտրում, անփոփոխ դեմ էր առնում սիրային կծիկին, այդ սերը ատեց ավելի վաղ, քան ինքը հասցրեց տրվել դրան և ստիպված եղավ սիրուն՝ որպես միակ իրականին ու հնարավորին, պաշտպանել ինքն իրենից։

Մարիան պառկած բավականություն էր ստանում փոշուց։ Քանի որ հենց փոշու թշշոցի հետ նա սկսում էր ոտքերը շարժել ու դոփել, ապա հենց այդ առաջին զգացումից գիշերային վերնաշապիկը ձգվում էր դեպի վեր՝ հասնելով զիստերին։ Երբ փոշին երկրորդ անգամ էր սկսում թշշալ, վերնաշապիկին առավել հաճախ հաջողվում էր փորի վրայով վեր բարձրանալ մինչև կրծքերը։ Բնազդաբար որպես սկիզբ Գյոթեի ու «Ռասպուտինի» տեքստերի հետ չխորհրդակցելով, ես այն բանից հետո, երբ մեկ շաբաթ շարունակ փոշով լցրեցի նրա ձախ ափը, ազնվամորու փոշին լցրեցի նրա պորտի փոսիկի մեջ, այդ ամենը վերևից ջրեցի թքով և երբ փոքրիկ խառնարանի մեջ սկսեց ալեկոծվել ու թշշալ, Մարիան միանգամից կորցրեց բողոքելու համար անհրաժեշտ բոլոր փաստարկները․ թշշացող ու ալեկոծվող պորտը շատ ավելի լավն էր, քան ափը։ Չնայած, որ փոշին այն նույնն էր, և իմ թուքն էլ մնում էր իմ թուքը, և կարծես թե զգացմունքներն էլ էին նույնը, միայն թե՝ ավելի ուժեղ, Մարիան այլևս չկարողացավ դիմանալ։ Նա առաջ թեքվեց, ցանկացավ կանգնեցնել իր պորտի վրա ազնվամորու եռը, ինչպես ասպրիկն էր կանգնեցնում իր ձեռքի ափի վրա, երբ այն արդեն կատարում էր իր առաքելությունը, սակայն դրա համար նրա լեզվի երկարությունը չբավարարեց, պորտը անհասանելի էր նրա համար, ինչպես Աֆրիկան կամ Հրո Երկիրը։ Դրա փոխարեն այն շատ մոտ էր ինձ, և ես լեզուս մտցրեցի նրա մեջ, ազնվամորի փնտրեցի և ավելի ու ավելի շատ գտա, ամբողջապես խորացա, հատապտուղ հավաքելու մեջ, հասա և դիպա այն եզրերին, որտեղ իշխում էր անտառապահը, որն իրավունք ուներ ինձանից քաղելու համար անդորագիր պահանջել, ես գիտակցում էի իմ պարտավորությունները յուրաքանչյուր առանձին հատապտղի առջև, մտքումս, սրտիս վրա, ականջներումս չունեի ոչինչ, քան աչքերիս մեջի հատապտուղները, միայն ազնվամորու հոտն էի ընկալում։ Ես այն աստիճան խորացա հատապտուղներ հավաքելու մեջ, որ Օսկարը թռուցիկ ինքն իր համար նկատեց․ Մարիան քաջալերում է քո ջանքերը։ Ահա թե ինչու նա հանգցրեց լույսը։ Ահա թե ինչու նա լիարժեք վստահությամբ տրվեց քնի իշխանությանը՝ չխանգարելով, որ դու շարունակես փնտրումները, քանզի Մարիան լեփ֊լեցուն էր հատապտուղներով։

Իսկ երբ հատապտուղները վերջացան, կարծես թե պատահաբար և արդեն այլ տեղերում շիկասունկեր հայտնաբերեցի։ Եվ քանի որ աղվեսուկները ավելի խորն էին թաքցված և մեծանում էին մամուռի շերտի տակ, իմ լեզուն այլևս չէր կարող իրագործել այդ խնդիրը, և այստեղ ես ինձ համար աճեցրի տասնմեկերորդ մատս, քանի որ արդեն եղած տասը մատներովս ևս չէի կարողանում իրագործել։ Ահա այսպես Օսկարը ձեռք բերեց իր երրորդ փայտիկը՝ իր տարիքի համեմատ այն նրա մոտ ճիշտ և ճիշտ համապատասխան էր։ Միայն թե ես թմբկահարում էի ոչ թե թիթեղի, այլ մամռապատ բարձի վրա, թմբկահարում էի և ինքս էլ չգիտեի՝ ե՞ս եմ այնտեղ թմբկահարում, թե Մարիան։ Ի՞մն էր այդ մամուռը, թե՞ նրանը։ Միգուցե և՛ մամուռը, և՛ տանսմեկերորդ մատը ինչ֊որ ուրիշ մեկի՞ն են պատկանում, իսկ շիկասնկերը՝ միայն ի՞նձ։ Իսկ այդ տասնմեկերորդ մատը, ինչ է, սեփական գիտակցությո՞ւն ունի, սեփական կա՞մք։ Ով է երեխա բեղմնավորում, Օսկա՞րը, նա՞, թե՞ ես։

Իսկ Մարիան, որը վերևի մասում քնած էր, իսկ ներքևում ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում անվնաս վանիլը, իսկ մամուռի տակ՝ հաճելի շիկասնկերը, որ փրփրող ըմպելիք էր ուզում, սակայն չէր ուզում այն, ում չէի ուզում ես, ով սկսել էր ինքնուրույն կենսակերպ վարել, ով ապացուցել էր սեփական խելքի առկայությունը, որ դուրս էր մղում այն, ինչ ես նրա մեջ չէի ներդրել, ով վեր կացավ, երբ ես պառկեցի, ով այլ երազներ էր տեսնում, քան տեսնում էի ես, ով ոչ գրել գիտեր, ոչ ընթերցել, բայց իմ փոխարեն էր ստորագրում, ով մինչ օրս էլ սեփական ճանապարհով է գնում, ով ինձանից առանձնացավ հենց այն նույն օրը, երբ ես նրան զգացի։ Ով թշնամին է իմ, և ում հետ ես ստիպված եմ ժամանակ առ ժամանակ հաշտության պայմանագիր կնքել, ով դավաճանում է ինձ և լքում դժբախտության մեջ, ում ես ինքս եմ պատրաստ դավաճանել ու դատապարտել, ումից ես անհարմար եմ զգում և ում զզվեցրել եմ, ում լվանում եմ ես և ով կեղտոտում է ինձ, ով ոչինչ չի տեսնում և կռահում է ամեն ինչ, ով այնչափ է ինձ խորթ, որ ես պատրաստ եմ նրան «դուք»֊ով դիմել, ում հիշողությունն էլ ամենևին այնպիսին չէր, որպիսին Օսկարինն է, քանզի երբ այսօր Մարիան մտնում է ինձ մոտ, իսկ Բրունոն նրբանկատորեն անհետանում միջանցքում, նա ակնհայտորեն Մարիային չի ճանաչում, չի ուզում, չի կարողանում, սառնարյուն ձևով պորտաբուծությամբ է զբաղվում, այն դեպքում, երբ Օսկարի հուզված սիրտը իմ շուրթերին ստիպում է մրմնջալ․

«Մարիա, լսիր քնքուշ խոսքերս, ես կարող եմ կարկին գնել, մեզ երկուսիս շուրջը շրջանագիծ գծել, այդ նույն կարկինով կարող եմ չափել քո պարանոցի թեքման անկյունը, երբ դու ընթերցում ես, գրում, կամ ինչպես ահա այժմ, բզբզում է իմ ռադիոընդունիչը։ Հանգիստ թող ռադիոընդունիչը, լսիր սիրային առաջարկը․ ես կարող եմ կաթիլներ թողնել իմ աչքերի մեջ, որպեսզի կրկին լաց լինելու ունակ դառնամ, ես կարող եմ իմ սիրտը մսի մեքենայի համար տալ հանդիպած առաջին մսագործին, եթե դու նույն բանը անես իմ հոգու հետ։ Մենք կարող ենք թավշե գազանիկ գնել, որպեսզի մեր միջև ամեն ինչ մնա խաղաղ։ Երբ ես համաձայնվեմ թրթուրներին, իսկ դու՝ համբերելուն՝ մենք կկարողանայինք միասին գնալ ձկնորսության և դառնալ երջանիկ։ Իսկ դու դեռ հիշո՞ւմ ես այն ժամանակվա փրփրոտ ըմպելիքի փոշին։ Դու ինձ ասպրիկ ես անվանում, ես սկսում եմ թշշալ ու ալեկոծվել, դու էլի ու էլի ես ուզում, ես քեզ տալիս եմ ամենը անմնացորդ, Մարիա, փրփրող ըմպելիք, քնքո՜ւշ առաջարկներ։

Ի՞նչ ես անընդհատ ռադիոն պտտում, միայն ռադիո ես լսում, կարծես քեզ համակել է արտակարգ հաղորդագրությունների հանդեպ վայրի կիրքը։


Արտակարգ հաղորդագրություններ

Դժվար է փորձարկումներ անել իմ թմբուկի սպիտակ մակերեսի վրա։ Եվ ես դա պետք է հաշվի առնեի։ Իմ կյանքը պահանջում է, որպեսզի փայտը միշտ միևնույնը լինի։ Նա ցանկանում է թմբկահարության մեջ լսել հարցեր և թմբկահարությամբ տալ պատասխաններ և կամ թմբկահարության միջոցով անկաշկանդ կտտացնելով, հարցն ու պատասխանը թողնել բաց։ Այդպիսով իմ թմբուկը՝ դա ձեզ համար թավա չէ, որն արհեստականորեն տաքացնելուց հետո հում մսին ստիպում է շառագունել, դա պարահրապարակ չէ զույգերի համար, որոնք դեռ չգիտեն՝ զո՞ւյգ են, իրենք, արդյոք, թե դեռ ոչ։ Ահա թե ինչու Օսկարը ոչ մի անգամ, նույնիսկ բացարձակ միայնության ժամերին, իր թմբուկի մակերեսի վրա փրփրուն ըմպելիքի փոշի չէր ցանում և այդ փոշու հետ իր թուքը չէր խառնում և չէր կազմակերպում ներկայացում, որը չեմ տեսել մի քանի տարի և որի կարիքը շատ եմ զգում։ Ճիշտ է, Օսկարը չի կարող այդ աստիճան անվերապահությամբ հրաժարվել վերոհիշյալ փոշու հետ փորձարկումներ անելուց, սակայն նա այստեղ գնում է ուղիղ ճանապարհով և թմբուկին գործին չի խառնում՝ այլ խոսքերով, ես ինձ դարձրել եմ ծիծաղի առարկա, քանզի առանց իմ թմբուկի կապրեմ հավերժ խայտառակված։

Սկզբնական շրջանում փոշին հայթայթելը բավականին դժվար էր։ Ես Բրունոյին ուղարկում էի բոլոր գրաֆենբերգյան գաղութային ապրանքների կրպակներով մեկ, ստիպում էի նրան տրամվայով ուղևորվել Հերրեսհայմ։ Խնդրում էի նրան բախտը փորձել նաև քաղաքում, սակայն նույնիսկ զովացուցիչ ըմպելիքների այն կրպակներում, որպիսիք կարելի է գտնել ցանկացած երթուղու վերջին կանգառներում, Բրունոն չէր կարողանում ինձ համար ձեռք բերել թշշացող փոշի։ Համեմատաբար երիտասարդ վաճառողուհիները ընդհանրապես չգիտերին, թե դա ինչ է, կրպակների տարիքավոր տերերը շատախոսելով սկսում էին վերհիշել, թե ինչի մասին է խոսքը՝ ըստ Բրունոյի պատմածների, մտածկոտ տեսքով շփում էին ճակատները և պատասխանում․ «Ձեզ ի՞նչ է ախր պետք։ Փրփրուն ըմպելիքի փոշի՞։ Ախր, ինչքան ժամանակ է, որ այն չի լինում։ Այն Վիլհելմի ժամանակներում է եղել, Ադոլֆի ժամանակներում ևս, ամենասկզբում։ Այո, դա ժամանակներ էին։ Սակայն եթե դուք լիմոնադ կամ ասենք կոլա ցանկանա՞ք․․․»։

Իմ հաշվին իմ հիվանդապահը լիմոնադ ու կոկա֊կոլայի շատ շշեր դատարկեց, սակայն այդպես էլ ինձ համար չհայթայթեց այն, ինչը խնդրել էի։ Եվ, այնուամենայնիվ, Օսկարի ցանկությունը կատարվեց, քանզի Բրունոն ցույց տվեց այդ գործում իր անխոնջությունը․ երեկ նա ինձ սպիտակ գույնի, վրան ոչինչ չգրված տոպրակ բերեց։ Հատուկ բժշկական հաստատության լաբորանտուհին, ոմն ֆրոյլյայն Կլյայն, ըմբռնումով լցվելով, պատրաստակամություն հայտնեց բացել իր բոլոր տուփիկները, արկղերն ու տեղեկատուները, մի քանի գրամ վերցրեց նրանից, մի քանի գրամ սրանից և, ի վերջո, բազմաթիվ փորձերից հետո, խառնեց փոշին, ինչպես դա նկարագրված էր Բրունոյի պատմածներում․ փոշին կարողանում է թշշալ, փրփրել, կանաչ գույն ստանալ և նույնիսկ ասպրիկի թեթևակի հոտ արձակել։

Իսկ այսօր հենց այցելությունների օրն էր։ Եկավ Մարիան։ Սակայն նախ Կլեփը եկավ։ Մենք նրա հետ երեք քառորդ ժամ ծիծաղեցինք ինչ֊որ մի հիմարության վրա, որն արժանի չէ հիշատակման։ Ես խնայեցի Կլեփին և Կլյայնի լենինյան զգացմունքները, խոսակցության ժամանակ օրախնդիր թեմաներին չանդրադարձա՝ կարճ ասած, ոչ մի խոսք չասացի այն շտապ հաղորդագրության մասին, որը փոքրիկ ռադիոընդունիչի օգնությամբ, Մարիան ինձ այն մի քանի օր առաջ էր նվիրել, տեղեկացնում էր Ստալինի մահվան մասին։ Սակայն ամեն ինչից դատելով՝ Կլեփը տեղյակ էր, քանի որ նրա շագանակագույն վանդակավոր վերարկուի թևքի վրա ցցված էր ոչ հմտորեն կարված սգո ժապավենը։ Այնուհետև Կլեփը վեր կացավ, իսկ Վիտլերը ներս մտավ։ Ակնհայտ էր, որ երկու ընկերները կրկին վիճել են, քանզի Վիտլերը ծիծաղելով ողջունեց Կլեփին և մատներով նրան եղջյուրիկներ ցույց տվեց։

― Այսօր առավոտյան, երբ ես սափրվում էի, Ստալինի մահը ինձ ոչնչացրեց, ― զազրախոսում էր Վիտլերը՝ օգնելով, որ Կլեփը հագնի վերարկուն։

Լայն դեմքի վրա երկյուղածության ուժեղ փայլ ունեցող Կլեփը քիչ վեր բարձրացրեց իր թևքի վրայի սև կտորը։

― Ահա, հենց այդ պատճառով էլ ես սգում եմ, ― արտաբերեց նա և արմսթրոնգյան շեփորին նմանվելով՝ Նյուօռլեանական դիքսիլենդի ոճով պատկերեց թաղման առաջին տակտերը՝ տրա֊տարա֊րա֊տա֊րա֊րա֊րա֊րա, ինչից հետո խցկվեց դռան մեջ։

Իսկ Վիտլերը մնաց, նստել չցանկացավ, ավելին, սկսեց հայելու դիմաց պարել, և մենք շուրջ քառորդ ժամ փոխըմբռման ժպիտներ էինք փոխանակում՝ ամենևին էլ նկատի չունենալով Ստալինին։

Արդեն չեմ էլ հիշում՝ ուզո՞ւմ էի ես, արդյոք, Վիտլերին դարձնել իմ վստահելի անձը կամ, հակառակը, իմ առաջ խնդիր էի դրել նրանից արագ ազատվել։ Ես Վիտլերին հրապուրեցի դեպի իմ մահճակալը, ես նրա ականջը հրապուրեցի դեպի իմ շուրթերը և այդ լայնատարած խեցու մեջ շշնջացի․

― Փրփրուն ըմպելիքի համար փոշի։ Գոթֆրիդ, ասա, դու գիտե՞ս, թե դա ինչ է։

Նա սարսափով ետ թռավ իմ մահճակալի ճաղավանդակներից, դիմեց խանդալից ձայներանգի և իրեն բնորոշ թատերականության օգնությանը, նա իմ կողմը պարզեց ցուցամատը և ֆշշացրեց․

― Օ, սատանա, ինչո՞ւ ես դու մտադրվել քո փոշիով ինձ շեղել ճշմարտության ուղուց։ Մի՞թե դու մինչ այժմ չգիտես, որ ես հրեշտակ եմ։

Եվ Վիտլերը հրեշտակի նման իր թևերով թռավ գնաց՝ մինչ այդ լվացարանի գլխին մեկ անգամ ևս կանգնելու և «հայելի, իմ լույս» ասելու հաճույքից իրեն չզրկելով։ Իսկապես, որ հատուկ բժշկական հիմնարկության պատերից այն կողմ գտնվող երիտասարդները շատ տարօրինակ ժողովուրդ են և հակված են դեպի շինծուությունը։

Իսկ այդ պահին եկավ Մարիան։ Նրա հագին դերձակի կարած նոր գարնանային կոստյումն էր, մկնամոխրագույն պերճաշուք լայնեզր ու նրբաճաշակ գլխարկը՝ համեստ ծղոտագույն֊դեղին զարդարանքով, և այդ կառույցը նա նույնիսկ իմ սենյակում չհանեց։ Նա մտամոլոր բարևեց ինձ, դեմ տվեց այտը և անմիջապես միացրեց հենց այն ռադիոընդունիչը, որը չնայած ինձ էր նվիրել, սակայն ամեն ինչից դատելով՝ համարում է, որ նախատեսված է իր անձնական օգտագործման համար, քանզի այդ գարշելի պլաստմասե արկղիկը կոչված է ընդունելությունների օրերին փոխարինել մեր խսսակցության մի մասին։

― Դու այսօր առավոտյան ռադիո լսեցի՞ր։ Հրաշալի է, չէ՞։ Ինչպե՞ս ես դու կարծում։

― Այո, Մարիա, ― կարճ պատասխանեցի ես, ― ինձանից ևս չցանկացան թաքցնել Ստալինի մահը, իսկ այժմ խնդրում եմ քեզ, անջատիր ռադիոն։

Մարիան լուռ ենթարկվեց, այդպես էլ գլխարկը չհանելով նստեց, և մենք, ինչպես սովորաբար, խոսեցինք փոքրիկ Կուրտի մասին։

― Դու միայն մտածիր, Օսկար, այդ չարաճճին երկար գուլպաներ չի ուզում հագնել, իսկ դրսում մարտ ամիսն է, դեռ ցուրտ է լինելու, նրանք ռադիոյով կանխագուշակեցին։

Ես ռադիոյի կանխագուշակությունը չլսելու տվեցի և երկար գուլպաների հարցում պաշտպանեցի փոքրիկ Կուրտին։

― Տղան տասներկու տարեկան է, ― ասացի ես, ― նա դպրոցական ընկերների պատճառով անհարմար է զգում քայլել բրդե գուլպաներով։

― Իսկ ինձ համար առավել կարևոր է նրա առողջությունը, և թող մինչև Զատիկը գուլպաներ կրի։

Ժամկետը այնքան վճռական ձայնով էր նշանակված, որ ես փորձեցի զգուշությամբ հակաճառել․

― Այդ դեպքում ավելի լավ է նրա համար դահուկորդի շալվար գնես, որովհետև բրդե երկար գուլպաները իսկապես էլ սարսափելի տեսք ունեն։ Դու միայն քեզ հիշիր այդ տարիքում։ Հիշիր Լաբեսվեգի մեր բակը։ Ինչ արեցին նրանք այն ժամանակ Կեսխենի հետ, որին ես ստիպել էի մինչև Զատիկ երկար գուլպաներ հագնել։ Նուխի Էյկեն, որն այդպես էլ մնաց Կրիտոսում, Աքսել Միշքեն, որը մահվանից քիչ ժամանակ առաջ աղաղակ բարձրացրեց Հոլանդիայում, և Հարրի Շլյագերին, ինչ արեցին նրանք բոլորը Կեսխենի հետ։ Նրանք նրա երկար գուլպանեի վրա ձյութ քսեցին, գուլպաները կպան ոտքերին, և ստիպված եղան Կեսխենին տանել հիվանդանոց։

Այդ ամենը Սուզի Կատերի արածն էր, դա նա էր մեղավոր, այլ ոչ թե երկար գուլպաները։ ― Մարիան դա գոռաց ցասումով։

Չնայած Սուզին արդեն պատերազմի ամենասկզբում օժանդակում էր փոստատանը, իսկ հետո կարծես թե Բավարիայում ամուսնացավ, Մարիան Սուզիի հանդեպ, որը նրանից ընդամենը մի քանի տարով էր մեծ, այնպիսի կայուն ցասում ուներ, որպիսին կարող են ունենալ միայն կանայք, որոնք իրենց հակակրանքները պահպանում են երիտասարդ տարիքից մինչև խոր ծերությունը։ Եվ, այնուամենայնիվ, Կեսխենի՝ ձյութոթ երկար գուլպաների մասին հիշեցումը նրա համար լրիվ անհետևանք չմնաց։ Մարիան խոստացավ փոքրիկ Կուրտի համար դահուկային շալվար գնել, և մենք կարող էինք լիովին փոխել խոսակցության թեման։ Պարզվում է, որ փոքրիկ Կուրտի մասին կարելի էր բավականաչափ դրական բաներ հաղորդել։ Ծնողական վերջին ժողովում Շտուդիրնրաթ Բենիմանը նրա մասին գովասանքով է խոսել։

― Դու միայն մտածիր, նա առաջադիմությամբ դասարանում երկրորդն է։ Իսկ թե ինչպես է նա ինձ օգնում կրպակում, ուղղակի հնարավոր չէ բառեր գտնել։

Ես, հավանություն տալով, գլուխս շարժեցի և պատրաստակամություն հայտնեցի լսել նրբախորտիկների կրպակի նորագույն ձեռքբերումների մասին հաշվետվությունը։ Ես Մարիաին դրդում էի Օբերկասել փողոցում բաժանմունք բացել։ Նրան ասացի, որ իրավիճակը բարենպաստ է, և որ գները կայուն են՝ այդ վերջինը ես, ի միջի այլոց, լսել էի ռադիոյով, ինչից հետո որոշեցի, որ արդեն Բրունոյին զանգով կանչելու ժամանակն է։ Բրունոն հայտնվեց և ինձ մեկնեց փոշիով լցված սպիտակ տոպրակը։

Օսկարի ծրագիրը լավ էր մշակված։ Առանց որևիցե բացատրությունների ես Մարիայից խնդրեցի ձախ ձեռքը։ Սկզբում նա ինձ մեկնեց աջը, հետո ծիծաղելով և գլուխը թափ տալով՝ ուղղեց սխալը և ինձ մեկնեց աջ ձեռքի ափը դրսի մասով՝ հնարավոր է սպասելով, որ ես իր ձեռքը կհամբուրեմ։ Նա զարմանք հայտնեց միայն այն ժամանակ, երբ ես նրա ձեռքը շրջեցի ափով դեպի վեր և Վեներայի ու Լուսնի թմբերի միջև տոպրակից փոշի լցրեցի։ Նա դա էլ թույլ տվեց, իսկ վախեցավ միայն այն ժամանակ, երբ Օսկարը խոնարհվեց նրա ափի վրա և փրփրուն ըմպելիքի փոշին առատորեն ողողեց թքով։

― Օսկար, թող այդ հիմարությունները, ― նա զայրացավ, տեղից վեր թռավ, ետ գնաց և սարսափած աչքերը հառեց կանաչ փոշու թշշացող պղպջակների վրա։ Հետո նա սկսեց կարմրել ճակատից դեպի ներքև։ Ես արդեն սկսեցի որոշ հույսեր փայփայել, սակայն, նա երեք թռիչքով հասավ լվացարանին, ջուրը բաց թողեց մեր փոշու վրա, գարշելի ջուրը, նախ սառը, հետո տաքը, որից հետո իմ օճառով լվաց ձեռքերը։

― Երբեմն դու իսկապես էլ անտանելի ես դառնում, Օսկար։ Ի՞նչ կմտածի մեր մասին պարոն Մյունստերբերգը։

Խնդրելով, որ իմ հանդեպ ներողամիտ վերաբերմունք ցուցաբերի, նա նայեց Բրունոյին, որը հետևում էր իմ փորձին՝ տեղ զբաղեցնելով մահճակալի ոտնամասում։ Որպեսզի Մարիային ազատեմ շփոթմունքից՝ ես Բրունոյին խնդրեցի դուրս գալ և, նրա ետևից դուռը փակվելուց անմիջապես հետո, կրկին Մարիային կանչեցի դեպի իմ մահճակալը։

― Դու ինչ է, չե՞ս հասկանում։ Աղաչում եմ, հիշիր փրփրուն ըմպելիքի համար փոշին, մեկ տոպրակը՝ երեք պֆենինգ ։ Մտքերով վերադարձիր դեպի անցյալը․ ասպրիկ, ազնվամորի, որքան հրաշալի էր այն թշշում ու փրփրում, իսկ զգացմո՞ւնքը, Մարիա, իսկ զգացմո՞ւնքը։

Սակայան Մարիան չէր ցանկանում հիշել։ Ես նրան անհեթեթ վախ էի ներշնչում, նա նույնիսկ մի քիչ դողում էր, թաքցրել էր իր ձախ ձեռքը, ջղաձգորեն փորձում էր թեման փոխել, ևս մեկ անգամ տեղեկացրեց Կուրտի դպրոցական հաջողությունների մասին, Ստալինի մահվան մասին, ֆրաու Մացերատի նրբախորտիկների խանութի նոր սառնարանի մասին, Կասլիում նոր բաժանմունք բացելու հնարավորության մասին, սակայն ես պահպանում էի թշշացող փոշու հանդեպ իմ հավատարմությունը, ես ասում էի՝ թշշացող փոշի, նա վեր էր կենում, թշշացող փոշի՝ ասում էի ես, նա շտապողաբար հրաժեշտ տվեց, ուղղեց գլխարկը, չգիտեր, ոչ այն է հեռանա, ոչ այնէ՝ ոչ, սկսեց պտտել կարգավորման բռնակը, սարքի մեջ ճարճատյուն լսվեց, ես այդ ճայթյունը խլացրեցի իմ ձայնով․

― Թշշացող փոշի, Մարիա, հիշիր թշշացող փոշին։

Սակայան նա արդեն կանգնած էր դռների մեջ, լաց էր լինում, գլուխը տարուբերում էր և ինձ մենակ թողեց ճարճատող ռադիոյի հետ՝ զգուշորեն փակելով դուռը, կարծես սենյակում էր թողնում մահամերձին։

Այսպիսով, Մարիան այլևս չի կարող հիշել փոշին։ Իսկ ինձ համար, քանի դեռ ես պատրաստ եմ շնչել ու թմբկահարել, փոշին չի դադարի թշշալ և փրփրել․ քանզի իմ թուքն էր, որ քառասուն թվի ամռան ավարտին մոտ կենդանություն էր տալիս ասպրիկին և ազնվամորուն, արթնացնում էր զգացմունքներ, որոնք իմ մարմինը ուղարկում էին որոնումների, սովորեցնում էր ինձ շիկասունկեր, մորխեր և ինձ համար անծանոթ, սակայն լիովին ուտելի այլ սունկեր հավաքել։ Ինձ դարձրեց հայր, այո֊այո, հայր, տակավին դեռ պատանի հայր, թքից՝ հայր՝ արթնացնելով զգացմունքներ, դարձնելով հայր, հավաքելով ու բեղմնավորելով, քանզի նոյեմբերի սկզբին արդեն կասկածներ չմնացին․ Մարիան հղի է, նա երկրորդ ամսվա մեջ է, իսկ ես՝ Օսկարը՝ ապագա հայր։

Դրանում ես համոզված եմ մինչ օրս, քանզի Մացերատի հետ կապված պատմությունը տեղի ունեցավ շատ ավելի ուշ, երկու շաբաթ, ոչ, տասն օր անց այն բանից հետո, երբ ես նրա՝ սպիներով պատված Հերբերթ եղբոր մահճակալի վրա բեղմնավորեցի քնած Մարիային՝ նրա կրտսեր եղբայր ավագ եֆրեյտոր Ֆրանցի ուղարկած բացիկներով շրջապատված, մութ մթության մեջ, պատերի ու պատուհանների լուսամեկուսիչ թղթի ետևում էլ ես նրան հենց բռնաբարեցի, սակայն արդեն ոչ քնած, այլ մեր թախտի վրա բերանով օդ որսալիս, նա պառկած էր Մացերատի տակ, իսկ Մացերատը պառկած էր նրա վրա։

Իր թմբուկը տանելով՝ Օսկարը մուտքից մտավ հյուրասենյակ, իսկ այնտեղ նա իջավ ձեղնահարկից, որտեղ նստել ու տրվել էր մտորումներին։ Երկուսն էլ ինձ չնկատեցին։ Նրանց գլուխները շրջված էին դեպի վառարանը։ Նրանք նույնիսկ մարդավարի չէին հանվել։ Մացերատը վարտիքը իջեցրել էր մինչև ծնկները, իսկ շալվարը դիզվել էր հատակին։ Մարիայի շրջազգեստը և գիշերանոցը կուլուլվել էին կրծկալի վերևում՝ հասնելով մինչև թևատակերը։ Նրա վարտիքը ճոճվում էր աջ ոտքի վրա, որը այլանդակ ծռված՝ թախտից կախվել էր ցած։ Իսկ ձախը՝ նա այդտեղ կապ չուներ, ծալված դրված էր թախտի թիկնակի վրա։ Նրա ոտքերի արանքում մշտամնա էր Մացերատը։ Աջ ձեռքով նրա գլուխը մի կողմ շրջելով՝ նա աջով մեծացնում էր անցքը, որպեսզի դրա օգնությամբ մտնի այնտեղ։ Մացերատի չռված մատների արանքից Մարիան ինչ֊որ տեղ կողքը՝ գորգին էր նայում, կարծես սեղանի տակի փախչող նախշն էր ուսումնասիրում։ Մացերատը ատամներով բռնեց բարձի թավշե ծածկոցը և թավիշը հանգիստ էր թողնում, միայն երբ բառեր էին փոխանակում՝ չընդհատելով, սակայն, իրենց զբաղմունքը։ Միայն երբ ժամացույցը սկսեց խփել երեք քառորոդը, այն ժամանակահատվածում, քանի դեռ ժամացույցը խփում էր, նրանք երկուսով արգելակեցին։ Կրկին սկսելով, ինչպես մինչև ժամացույցի խփելը, նրան մշակել՝ Մացերատը ասաց․― Արդեն քառորդ է պակաս։

Այնուհետև նա կամեցավ իմանալ՝ դուր եկա՞վ արդյոք նրան, թե ինչպես է ինքը դա անում։ Մարիան մի քանի անգամ դրական պատասխան տվեց, սակայն նրան խնդրեց պահպանել զգուշություն։ Նա Մարիային խոստացավ ծայրաստիճան զգույշ լինել։ Մարիան նրան հրամայեց, ոչ, աղաչեց ու խնդրեց այս անգամ առանձնահատուկ զգուշություն ցուցաբերել։ Այդ ժամանակ Մացերատը հետաքրքրվեց, թե շո՞ւտ կպրծնի՞ նա արդյոք։ Նա պատասխանեց՝ հիմա, հիմա։ Իսկ հետո, պետք է ենթադրել, նրա ոտքը ջղաձգվեց՝ այն, որը կախվել էր թախտից, որովհետև նա այն թափ տվեց, սակայն վարտիքը շարունակում էր ոտքի վրա ճոճվել։ Այդ ժամանակ Մացերատը կրկին ատամներով բռնեց թավիշը, իսկ նա գոռաց՝ բավական է, հեռացիր, և նա իսկապես էլ ցանկացավ հեռանալ, սակայն այլևս չէր կարող, որովհետև նախքան Մացերատի հեռանալը, Օսկարը վերևից դժվարությամբ բարձրացավ երկուսի վրա, որովհետև թմբուկով հարվածեց նրա գոտկատեղին, իսկ փայտիկներով՝ թիթեղին, որովհետև ես այլևս չէի կարող լսել այդ «հեռացիր»֊ը, որովհետև իմ թիթեղը ավելի բարձր էր հնչում, քան Մարիայի «հեռացիրը»֊ը, որովհետև ես չէի ցանկանում, որպեսզի նա հեռանար նույն կերպ, ինչպես Յան Բրոնսկին էր միշտ հեռանում մայրիկիցս, որովհետև մայրիկս էլ էր միշտ պնդում «հեռացիր» ու «հեռացիր»․ և՛ Յանին՝ հեռացիր, և՛ Մացերատին՝ հեռացիր։ Ինչից հետո նրանք անջատվում էին, իսկ իրենց դոժինքը գցում էին ինչ֊որ տեղ, հնարավոր է, հատուկ նախապատրաստված լաթի կտորի մեջ, իսկ եթե ձեռքերի տակ լաթի կտոր չէր լինում, ապա ուղղակի թախտի կամ գորգի վրա։ Ես պարզապես այլևս չէի կարող դիտել այդ բոլորը։

Վերջի ի վերջո, չէ՞ որ ես ևս չհեռացա։ Ես առաջինն էի, որ չհեռացա, ահա թե ինչու եմ ես հայր, այլ ամենևին էլ ոչ Մացերատը, որը մշտապես և մինչև իր օրերի վերջը համոզված էր, իբր հենց ինքն է իմ հայրը։ Իսկ չէ՞ որ հայրս Յան Բրոնսկին էր։ Եվ Յանի նման ես դեռ Մացերատից առաջ չկամեցա հեռանալ, մնացի նրա մեջ և ամեն ինչ թողեցի նրա մեջ, և այն, ինչ դուրս եկավ դրանից՝ դա իմ որդին էր, այլ ոչ նրա որդին։ Նա ընդհանրապես տղաներ չուներ։ Եվ որպես հայր՝ նա իսկական չէր։ Թեկուզ նա տասն անգամ շարունակ ամուսնանար խեղճ մայրիկիս, իսկ հետո Մարիայի հետ, քանի որ Մարիան հղիացել էր։ Նա մտածում էր, որ փողոցում և տանը մարդիկ, իհարկե վստահ են։ Նրանք իսկապես էլ վստահ էին, որ Մացերատն է հղիացրել Մարիային, իսկ այժմ ամուսնանում է նրա հետ, իսկ Մարիան ախր, ընդամենը տասնյոթ ու կես է, իսկ նրա քառասաունհինգը շուտով կլրանա։ Չնայած իր տարիքին՝ նա շատ գործարար է, իսկ ինչ վերաբերում է փոքրիկ Օսկարին, ապա նա միայն պետք է փառք տա Աստծուն նման խորթ մոր համար, որովհետև Մարիան այդ խեղճ երեխային վերաբերում է ոչ թե խորթ մոր պես, այլ ինչպես հարազատ մայրը, չնայած, իհարկե, Օսկարը ծալապակաս է, և, մեր մեջ ասած, բոլորից ճիշտը նրան Զիլբերհամերի կամ Տապիաուի հիվանդանոց ուղարկելն է։

Գրեթխեն Շեֆլերի հորդորումներին տեղի տալով՝ Մացերատը որոշեց ամուսնանալ, իմ սիրած աղջկա հետ։ Հետևաբար, եթե իմ ենթադրյալ հորը հայր անվանենք, կստացվի հետևյալ պատկերը․ իմ հայրը ամուսնացավ իմ ապագա կնոջ հետ, հետո իմ որդի Կուրտին անվանեց իր Կուրտ որդի՝ կարճ ասած, ինձանից պահանջեց, որպեսզի ես, ի դեմս իր թոռան, ճանաչեմ իմ միակ եղբորը և հաշտվեմ այն բանի հետ, որ իմ սիրեցյալը՝ վանիլի բուրմունք տարածող Մարիան, խորթ մոր կարգավիճակում պառկած է իր անկողնում, որից կաթով պատրաստված ձկան գարշահոտ է փչում։ Իսկ եթե ես, հակառակը, ինքս ինձ հայտարարում եմ՝ Մացերատը իմ հայրը չէ, նույնիսկ ենթադրյալ հայրդ էլ չէ, նա բացարձակապես օտար մարդ է, համակրելի չէ, սակայն ոչ էլ հակակրանք է առաջ բերում, նա կարողանում է լավ եփել և հենց այդպես, լավ եփելով, նա լավ թե վատ մինչ օրս հոգ է տանում քո մասին որպես հայր, քանի որ քո խեղճ մայրիկը քեզ թողել է նրան, իսկ այժմ նա օրը ցերեկով մարդկանց աչքի առաջ քո քթի տակից տանում է աշխարհի ամենալավ կնոջը, իսկ քեզ նախ ստիպում է իր հարսանիքի ժամանակ լինել վկա, իսկ հինգ ամիս անց՝ մասնակցել կնունքին, այլ խոսքերով՝ հյուրի կարգավիճակով մասնակցել ընատանեկան այն տոնախմբություններին, որոնց կազմակերպումը ավելի շատ քո խնդիրն էր, քանզի դու պետք է Մարիային թևանցուկ տանեիր պսակադրությունների տուն, այդ դու պետք է քավոր, քավորկին ընտրեիր։ Մի խոսքով, այդ ողբերգության մեջ գլխավոր դերերը ուսումնասիրելով՝ ես ակամա գալիս եմ այն հետևության, որ գլխավոր դերերի սխալ բաշխման հետևանքով ներկայացումը էապես տուժել է, ժամանակն է, որ ես թատրոնից հիասթափվեմ․ չէ՞ որ Օսկարին, իրական հատկանիշներով օժտված դերասանին, երկրորդական դեր են հատկացրել, որը նույն հաջողությամբ կարելի էր տեքստից ընդհանրապես հանել։

Մինչ իմ որդուն Կուրտ անունը տալը, մինչ նրան կոչելը այնպես, ինչպես նրան բոլորովին պետք չէր կոչել, քանզի ես անունը կդնեի ի պատիվ նրա պապիկ Վինցենտ Բրոնսկու, մի խոսքով, Օսկարը չի ցանկանում թաքցնել, թե ինչպես է ինքը, մինչ Կուրտ անվան հետ հաշտվելը, Մարիայի հղիության ժամանակ գալիք ծննդաբերությանը հակադրվել։

Արդեն նույն այն օրը երեկոյան, երբ ես նրանց բռնացրեցի թախտի վրա և թմբկահարելով թամբեցի Մացերատի քրտինքից թացացած թիկունքը և դրանով իսկ խանգարեցի որ նա պահպանի նախազգուշության անհրաժեշտ միջոցները, ինչպես պահանջում էր Մարիան, իմ կողմից իմ սիրեցյալին ետ նվաճելու հուսահատ փորձ ձեռնարկեցի։

Երբ Մացերատը ինձ իր վրայից թափ տվեց՝ արդեն չափազանց ուշ էր։ Ահա թե ինչու նա ինձ հարվածեց։ Մարիան պաշտպան կանգնեց Օսկարին և սկսեց Մացերատին կշտամբել, որովհետև վերջինս չկարողացավ դրսևորել անհրաժեշտ նախազգուշությունը։ Մացերատը ոչ երիտասարդ տղամարդու պես էր պաշտպանվում։ Իբր ամեն ինչում մեղավորը Մարիան է, արդարանում էր նա, լիովին պետք է բավարարվեր մեկ անգամով, սակայն, ինչպես երևում է, նա այն կանանցից է, ում ինչքան էլ մատուցես, միևնույն է, քիչ է թվալու։ Այստեղ Մարիան լաց եղավ և պատասխանեց, որ իր մոտ այդքան արագ չի ստացվում, որ այդ դեպքում թող նա իր համար ուրիշը ընտրի, նա, իհարկե, փորձ չունի, սակայն նրա քույրը՝ Հուստան, դե նա, ով «Էդեմ»֊ում է, ամեն ինչ գիտի, և Հուստան նրան ասել է, որ այդքան արագ չի ստացվում, և որպեսզի Մացերատը հետևի, քանի որ լինում են տղամարդիկ, ովքեր մտածում են միայն իրենց դոժինքը գցելու մասին, իսկ նա, Մացրերատը, երևում է, որ ևս այդ ցեղից է, միայն թե այդ դեպքում թող այլևս նրա վրա հույս չդնի, որովհետև նրան պետք է, որ երկուսի մոտ միաժամանակ ստացվի։ Սակայն միևնույն է, դա պետք է անել, չէ՞ որ նա իրավունք ունի նրանից գոնե այդ նվազագույնը պահանջել, դա իր հանդեպ նրա պարտքն է։ Հետո նա լաց եղավ, սակայն թախտի վրայից այդպես էլ վեր չելավ։ Իսկ վարտիքով կանգնած Մացերատը սկսեց գոռալ, որ անկարող է այլևս այդ նվնվոցը լսել, ինչից անմիջապես հետո ափսոսաց իր պայթյունի համար և ցանկացավ կրկին մոտենալ Մարիային՝ այլ խոսքերով, ցանկացավ շոյել նրա շրջազգեստի տակի մերկ տեղը, ինչից Մարիան վերջնականապես մոլեգնեց։

Օսկարը դեռ երբեք նրան այդպիսին չէր տեսել․ նրա դեմքը պատվեց կարմիր բծերով, և նա Մացերատին անվանեց թույլիկ, ինչից հետո վերջինս վերցրեց իր շալվարը, սուզվեց մեջը և կոճկվեց։ Եվ թող չքվի այստեղից ուր ուզում է, ճչում էր Մարիան, թող գնա իր ցելենլյայտերների մոտ, երևի թե նրանք էլ են շաղ տվողների ցեղից։ Իսկ Մացերատը ձեռքն առավ իր կոստյումը, հետո՝ դռան բռնակը և տեղեկացրեց, որ այսուհետ այլ լարերի վրա կխաղա, իսկ ինքը կանանցից մինչև կոկորդը կուշտ է, և քանի որ նա այդքան մեծ հակում ունի տղամարդկանց հանդեպ, թող իր համար մի արտասահմանցի բանվոր ընտրի, ինչու չէ՝ նաև այն ֆրանսիացուն, որը գարեջուր է առաքում։ Ֆրանսիացին, հաստատ, նման գործերում վարպետ է, իսկ ինքը՝ Մացերատը, «սեր» բառի տակ ոչ միայն ապականություններ է հասկանում, այլ նաև այլ բան, այժմ ինքը կգնա սկատ խաղալու, և այնտեղ արդեն հաստատ տհաճ անակնկալներ չեն լինի։

Եվ ես ու Մարիան մնացինք մենակ։ Նա այլևս լաց չէր լինում, մտախոհ, հազիվհազ լսելի շվշվացնելով վեր էր քաշում իր վարտիքը։ Հետո երկար զննում էր իր շրջազգեստը, որը թախտի հետ շփման մեջ մտնելուց տուժել էր։ Հետո միացրեց ռադիոն, ջանաց ուշադիր լսել, երբ տեղեկացրին Վիսլայի ու Նոգատայի ջրի մակարդակի մասին, իսկ երբ Մոտլաուի ներքին հոսանքի ջրի մակարդակի մասին տեղեկատվությունից հետո հայտարարվեցին և նույնիսկ հնչեցին վալսի ռիթմերը, նա հանկարծ կրկին հանեց վարտիքը, գնաց խոհանոց, դխկդխկացրեց թասը, բաց թողեց ջուրը, և ես լսեցի, թե ինչպես խցկեց թասն ու կռահեցի՝ Մարիան որոշել է իր համար նստելու լոգանք պատրաստել։

Որպեսզի այդ որոշ չափով ամոթալի պատկերներից ազատվի՝ Օսկարը կենտրոնացավ վալսի ձայների վրա։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ես նույնիսկ թմբուկի վրա Շտրաուսի մի քանի տակտ թմբկահարեցի՝ ոչ առանց հաճույքի։ Հետո ռադիոկայանը ընդհատեց վալսի ձայները և ազդարարեց հատուկ տեղեկատվություն։ Օսկարը սպասում էր, որ լուրերը Ատլանտիկայից կլինեն և չսխալվեց։ Սուզանավերի խմբին հաջողվել էր Իռլանդիայից արևմուտք ջրասույզ անել մեծ տարողությամբ յոթ կամ ութ նավ՝ այսքան և այնքան հազար տոննա ընդհանուր ջրատարողությամբ։ Ավելին, սուզանավերի մեկ այլ խմբի հաջողվել է գրեթե նույնչափ տոննաներ ջրասույզ անել Ատլանտիակայում։ Ընդ որում՝ հատուկ աչքի ընկավ կապիտան֊լեյտենանտ Շեպկեի հրամանատարությամբ գոծող սուզանավը՝ չնայած չի բացառվում, որ դա կապիտան լեյտենանտ Կրեմչերն էր, համենայն դեպս երկուսից մեկը, իսկ միգուցե ընդհանրապես երրորդը, ոչ պակաս փառապանծ կապիտան֊լեյտենանտ այժմ իր հաշվում ուներ բոլորից առավել գրանցված ջրատարողունակությամբ տոննաներ, իսկ ամեն ինչից առավել կամ այդ ամենին գումարած, խորտակվել էր նաև Իքս֊Իգրեկ դասի անգլիական էսկադրոնային ականակիրը։

Մինչ ես ձգտում էի իմ թմբուկի վրա պատկերել հատուկ հաղորդագրությանը հետևած Անգլիայի մասին երգը և այն գրեթե վերափոխել էի վալսի՝ բազմաթեր սրբիչը թևատակին դրած ներս մտավ Մարիան։ Նա կիսաձայն ասաց․ «Դու լսեցիր, Օսկար, կրկին արտակարգ հաղորդագրություն։ Եթե հետագայում էլ այսպես շարունկավի․․․»։

Սակայն Օսկարին չտեղեկացնելով, թե այդ դեպքում ինչ տեղի կունենա, նա նստեց աթոռի վրա, որի թիկնակին Մացերատը սովորաբար կախում էր իր կոստյումը։ Նա թաց սրբիչը երշիկի պես փաթաթեց և բավականին բարձր, ընդ որում, նույնիսկ ոչ կեղծ շվշվացրեց Անգլիայի մասին երգը։ Վերջը նա մեկ անգամ ևս կրկնեց, երբ ռադիոն արդեն լռել էր, այնուհետև անջատեց կոմոդի վրա դրված արկղը, հենց որ նրանից դուրս հոսեցին իսկական վալսի ձայները, բազմաթեր երշիկը դրեց սեղանի վրա, ինքը նստեց և իր թմբլիկ ափերը դրեց ծնկների վրա։ Մեզ մոտ՝ սենյակում, խոր լռություն տիրեց։ Միայն հատակին դրված ժամացույցն էր ավելի ու ավելի բարձր խոսում, և Մարիան հավանաբար սկսեց մտածել, թե չմիացնի՞, արդյոք, ռադիոն կրկին, սակայն հետո այլ որոշում կայացրեց, նա գլուխը սեղմեց բազմաթեր երշիկին, որը դրված էր սեղանի վրա, ձեռքերը ծնկների վրայից հանեց, դրանք իջեցրեց գրեթե մինչև գորգը և սկսեց անձայն ու համաչափ լացել։

Օսկարը իրեն հարց էր տալիս, թե անհարմար չի՞զգում, արդյոք, Մարիան, քանի որ ինքը նրան բռնացրել էր նման ամոթալի վիճակում։ Ես որոշեցի նրան զվարճեցնել, դուրս սահեցի հյուրասենյակից և մութ կրպակում, քաղցրակուտապի տոպրակների ու դոնդողանյութի շերտերի շրջապատում գտա մի տոպրակ, որը, ինչպես կիսախավար միջանցքում ուսումնասիրությունից պարզվեց, ասպրիկի համով փրփրուն ըմպելիքների փոշի էր։ Օսկարը իր գտածի համար շատ ուրախացավ, քանզի ժամանակ առ ժամանակ նա կարծում էր, թե իբր փոշու մնացած բոլոր այլ տարատեսակներից Մարիան նախապատվությունը տալիս է ասպրիկին։

Երբ ես վերադարձա հյուրասենյակ, Մարիայի այտը այդ նույն ձևով դրված էր երշիկի տեսքով փաթաթված բազմաթեր սրբիչի վրա։ Նրա ձեռքերը, ևս, անօգնական օրորվելով, նույն ձևով կախված էին ազդրերի երկարությամբ։ Օսկարը մտավ ձախից և շատ հիասթափվեց, երբ տեսավ, որ նրա աչքերը փակ են ու չոր։ Ես համբերատար սպասում էի, մինչև նա փոքր֊ինչ իրար կպած թերթերունքներով կոպերը կրկին բարձրացնի, տոպրակը մեկնեցի նրան, սակայն նա նույնիսկ չնայեց իմ ասպրիկի վրա, և թվում էր, թե նայում է տոպրակի ու Օսկարի միջով։

Հավանաբար, նա արտասուքների պատճառով ոչինչ չի տեսնում՝ փորձեցի արդարացնել Մարիային և ինքս ինձ հետ ներքին փոքրիկ խորհրդակցությունից հետո որոշեցի առավել անմիջականորեն գործել։ Օսկարը մտավ սեղանի տակ, սողալով մոտեցավ Մարիայի ոտքերին, որոնք քթերով քիչ ներս էին ծռված, բռնեց նրա ձախ ձեռքը, որը մատների ծայրով գրեթե հասնում էր հատակին, թեքեցի այն այնպես, որպեսզի ափը ինձ տեսանելի լինի, ատամներով տոպրակը բացեցի, նրա պարունակության կեսը լցրեցի անկամ ձևով ինձ վստահված ամանիկի մեջ, ավելացրեցի թուք, դիտեցի թշշոցի առաջին փուլը և Մարիայի կողմից կրծքիս մասում ոտքով բավականին ցավոտ աքացի ստացա, որը Օսկարին ետ գցեց գրեթե մինչև սեղանի մեջտեղը, գորգի վրա։

Չնայած ցավին, ես անմիջապես կրկին ոտքի թռա և դուրս եկա սեղանի տակից։ Մարիան ևս արդեն կանգնած էր։ Մենք ծանր շնչելով կանգնել էիքնք դեմ֊դիմաց։ Մարիան վերցրեց սրբիչը, սրբեց ձախ ձեռքի ափը, սրբածը նետեց իմ ոտքերի տակ և ինձ անվանեց գարշելի կնամոլ, թունավոր գաճաճ, լկտիացած թզուկ, որին վաղուց ժամանակն է ուղարկել գժանոց։ Այնուհետև նա ինձ բռնեց, հարվածեց ծոծրակիս, հայհոյեց իմ խեղճ մայրիկին, ով իմ պես վիժվածքին լույս աշխարհ է բերել, իսկ երբ ես ցանկացա գոռալ, երբ նշան բռնեցի սենյակի ու աշխարհի բոլոր ապակիների վրա, բերանս փակեց նույն այն սրբիչով, որը, եթե այն կծես, կպարզվի, որ ավելի ձիգ է, քան տավարի միսը։

Նա ինձ բաց թողեց միայն, երբ Օսկարը կարողացավ դառնալ մուգ կարմիր և կապտեց։ Այժմ ես առանց որևիցե դժվարության կարող էի իմ ձայնով գոռալ, վերացնել բոլոր գավաթները, բոլոր ապակիները և երկրորդ անգամից՝ ապակիները, որոնք ծածկում էին հատակին դրված ժամացույցի թվատախտակը։ Սակայն ես չգոռացի, ես թույլ տվեցի, որ ինձ տիրի ատելությունը, այնքան կայուն ատելություն, որ մինչ օրս էլ, երբ Մարիան մտնում է իմ սենյակի շեմից ներս, ես այն զգում եմ ատամներիս արանքում, ինչպես այն ժամանակ սրբիչն էի զգում։

Փոփոխական Մարիան, ինչպիսին նա կարողանում է լինել, բաց թողեց ինձ, բարեհոգաբար ծիծաղեց, մեկ շարժումով կրկին միացրեց ռադիոն, վալս շվշվացնելով մոտեցավ ինձ, որպեսզի ի նշան հաշտության գզգզի մազերս, ինչը ես, մեր մեջ ասած սիրում էի։

Օսկարը Մարիային թույլ տվեց իրեն շատ մոտենալ և երկու բռունցքներով հարվածեց ներքևից վերև, ճիշտ այն տեղին, որտեղով նա ներս էր թողել Մացերատին։ Եվ երբ նա, ավելի շուտ, քան ես հասցրեցի հարվածել երկրորդ անգամ, օդում որսաց իմ բռունցքները, ես ատամներով կառչեցի այդ անիծյալ տեղից և ատամներս չանջատելով՝ նրա հետ միասին ընկա թախտի վրա, չնայած որ ականջի պոչով լսում էի, թե ինչպես են նրանք այնտեղ խոստանում հերթական հատուկ հաղորդագրությունը։ Սակայն Օսկարը ոչ մի հաղորդագրություն չէր ուզում և այդ իսկ պատճառով ձեզ չի հայտնի, թե ով ում և ինչ թվով տոննաներ կարողացավ խորտակել, քանզի ջղաձիգ հեծկլտոցների սուր բռնկումը ինձ ստիպեց ատամներս բացել և ես մնացի Մարիայի վրա անշարժ պառկած, իսկ նա լաց էր լինում ցավից, իսկ Օսկարը լալիս էր ատելությունից ու սիրուց և չնայած սիրուն փոխարինելու եկավ արճիճե ուշաթափությունը՝ դրան վերջ չկար։


Ուշաթափությունը տանել տիկին Գրեֆին

Նրան, այսինքն՝ Գրեֆին, ես չէի սիրում։ Նա, այսինքն՝ Գրեֆը, չէր սիրում ինձ։ Եվ ավելի ուշ, երբ Գրեֆը ինձ համար թմբուկի մեքենա կառուցեց, ես նրան չէի սիրում։ Ասենք մինչ օրս էլ, երբ Օսկարի մոտ նման հաստատուն հակակրանքների համար ուժ չի մնացել, ես էլի մասամբ չեմ սիրում Գրեֆին՝ չնայած նա այլևս այս աշխարհում չէ։

Գրեֆը կանաչեղեն էր վաճառում։ Սակայն այս փաստը թող ձեզ մոլորության մեջ չգցի։ Նա չէր հավատում ոչ կարտոֆիլին, ոչ սավոյական կաղամբին, սակայն բանջարագործության մեջ մեծ գիտելիքներով էր օժտված և բոլորի արջև մեծ հաճույքով, որպես այգեգործ, բնության սիրահար և բուսակեր էր ներկայանում։ Սակայն քանի որ Գրեֆը միս չէր ուտում, հետևաբար չէր կարող իսկական կանաչեղեն վաճառող համարվել։ Նրան տրված չէր երկրային բարիքների մասին խոսել որպես երկրային բարիքների։ «Դուք միայն նայեք այս հազվագյուտ կարտոֆիլներին (ես հաճախակի էի լսում, թե ինչպես է Գրեֆը դիմում իր հաճախորդներին), նայեցեք այս լիարյուն, լեցուն, նորանոր ձևեր ընդունող և միաժամանակ այդքան առաքինի արմատախլիկին։ Օ, ես սիրում եմ կարտոֆիլ, քանզի նա ինձ հետ իր լեզվով է խոսում»։

Դե, իհարկե, իսկական բանջարեղեն վաճառողը չպետք է այդպես խոսի և նման խոսքերով իր գնորդներին շփոթեցնի։ Իմ տատիկը՝ Աննա Կոլյայչեկը, և՛ նրա եղբայրը՝ Վինցենտ Բրոնսկին, կարտոֆիլի բերքից ավելի շատ էին կախման մեջ, քան բանջարեղեն վաճառող Գրեֆը, որին աճած շլորը միանգամայն փոխհատուցում էր չաճած կարտոֆիլի դիմաց։

Ընդհանրապես Գրեֆի մեջ ամեն ինչ չափից դուրս էր։ Ախր, ո՞վ էր նրան ստիպում կրպակում կանաչ գոգնոց կապել։ Դա ինչ փքունություն է, երբ գնորդներին սպանախի պես կանաչ հագուստի կտորը ցուցադրելով՝ նա ծիծաղում է և խելացի տեսքով այն անվանում «Մեր ողորմած Տեր Աստծու կանաչ գոգնոցը»։ Դրանից բացի նա չէր կարողանում կապերը խզել իր հետախուզական զբաղմունքների հետ։ Ճիշտ է, արդեն երեսունութ տարեկանում նա ստիպված եղավ ցրել իր ջոկատը՝ տղաներին հանդերձավորեցին շագանակագույն վերնաշապիկներով և կոկիկ համազգեստներով, սակայն, միևնույն է, երեկվա սկաուտները, թեկուզ քաղաքացիական հագուստով, թեկուզ համազգեստով, հաճախ էին այցի գալիս իրենց երեկվա առաջնորդին, որպեսզի նրա հետ համատեղ, ով ողորմած Տեր Աստծուց փոխ առած գոգնոցով էր հանդերձավորված, կիթառի վրա ծնգծնգացնելով երգեն առավոտվա երգերը՝ լանդսքնեխտների երգերը, բերքի երգերը, տեղական ու արտասահմանյան երգերը։ Քանի որ Գրեֆը ժամանակին էր նացիոնալ֊սոցիալիստական ուժային ջոկատների անդամ դարձել և քառասունմեկից սկսած իրեն ոչ միայն բանջարեղեն վաճառող, այլև ռազմաօդային պաշտպան էր անվանում և, բացի այդ, ցանկացած ժամանակ կարող էր վկայակոչել երկու նախկին սկաուտների, որոնք այդ ժամանակահատվածում հասցրել էին ինչ֊որ բանի հասնել, դառնալով ակտիվիստներ, հիտլերյուգենդի շրջանային վարչությունը պաշտոնապես էր թույլատրել Գրեֆի կարտոֆիլի նկուղում երգի երեկոների անցկացումը։ Ավելին, ակտիվիստ Լյոբզակը Գրեֆին կոչ արեց Յենկաուի ուսումնական կենտրոնում ևս երգի երեկոներ կազմակերպել։ Ժողովրդական դպրոցի ուսուցչի հետ համատեղ քառասնական թվերի սկզբին Գրեֆը հանձնարարություն ստացավ Դանցիգ մարզի համար կազմել «Երգեք մեզ հետ» նշանաբանով Արևմտյան Պրուսիայի երիտասարդական երգերի ժողովածու։ Գիրքը հրաշալի ստացվեց։ Կանաչեղեն վաճառողը Բեռլինից Ռեյսխյուգենդֆյուրերի մակագրությամբ ուղերձ ստացավ և հրավիրվեց Բեռլին՝ երգչախմբերի ղեկավարների հետ հանդիպման։

Մի խոսքով, Գրեֆը բոլորին առավ։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ անգիր գիտեր ցանկացած երգի բառերը, այլև, դրանից բացի, նա կարողանում էր վրաններ խփել, զորքի գիշերակացքի խարույկներ վառել ու հետո հանգցնել, որպեսզի ամառային հրդեհ չառաջանա, կողմնացույցով նպատակասլաց երթավարժություններ էր կատարում, գիտեր, թե ինչպես են անվանում անզեն աչքով դիտվող բոլոր աստղերը, ուրախ և հետաքրքրաշարժ պատմություններ էր շարադրում, հիշում էր այն բոլոր լեգենդները, որոնք ծնվել էին Վիսլայի ավազանում, «Դանցիգ և Հանզան» նշանաբանով հայրենասիրական երեկույթներ էր կազմակերպում, կարող էր թվարկել ասպետական միաբանության բոլոր մեծ հոգևոր պետերին՝ գործին առնչվող ամսաթվերով և փաստերով։ Սակայն դրանով էլ չէր սահմանափակվում և կարող էր դրա հետ մեկտեղ ամենատարբեր տեղեկություններ հաղորդել ասպետական հողի վրա գերմանական առաքելությունների մասին և մեկ֊մեկ իր ծանոթագրությունները ներհյուսել սկաուտների կյանքից վերցրած հետաքրքրաշարժ զվարճախոսություններով։

Գրեֆը սիրում էր երիտասարդությանը։ Ավելի շատ տղաներին, քան աղջիկներին։ Ըստ էության՝ աղջիկներին ընդհանրապես չէր սիրում, այլ սիրում էր միայն տղաներին։ Հաճախ նա տղաներին նույնիսկ ավելի շատ էր սիրում, քան դա կարելի էր արտահայտել երգերի օգնությամբ։ Հնարավոր է, որ նրա՝ մշտապես ճարպոտ կրծկալով և ծակծկված վարտիքով, թափթփված կինը՝ մի խոսքով, Գրեֆուհին էր ամուսնուն ստիպում կոկիկ ու ձգված տղաների մեջ փնտրել մաքուր կատարելություն։ Կարելի է փորել, գտնել այդ ծառի, որի ճյուղերի վրա տարվա բոլոր եղանակներին ծաղկում, փթթում էր ֆրաու Գրեֆի կեղտոտ սպիտակեղենը։ Ես ահա թե ինչի մասին եմ խոսում․ Գրեֆուհին հենց այն պատճառով էր թափթփված ու անբովանդակ կյանք վարում, որ բանջարեղեն վաճառողը՝ նույն ինքը՝ ռազմաօդային պաշտպանը, վճռականորեն չէր ընկալում նրա անհոգ և փոքր֊ինչ բթամիտ մարմնի փարթամությունը։

Գրեֆը սիրում էր այն, ինչը ձգված էր, մկանոտ, կոփված։ Արտասանելով «բնություն» բառը՝ նա նկատի ուներ ճգնավորությունը։ «Ճգնավորություն» բառը արտասանելով՝ նա նկատի ուներ մարմնի հանդեպ հատուկ խնամքը, իսկ այ իր մարմնի վերաբերյալ Գրեֆը հստակ պատկերացումներ ուներ։ Նա խնամքով ու հոգատարությամբ էր նրան վերաբերվում, նրան ենթարկեցնում էր շոգի ազդեցությանը և ցրտի ազդեցությանը՝ բացահայտելով իր արտասովոր ունակությունները։ Մինչ Օսկարը իր երգեցողությամբ, ինչպես մոտիկից, այնպես էլ տարածության վրա, ապակիներ էր կտրում, դեպքից դեպք ստիպելով, որ հալվեն սառցե ապակու վրայի նախշերը, հալվեն և զնգոցով ցած ընկնեն սառցալեզվակները, կանաչի վաճառողը, հակառակը, ձեռքի տակ եղած միջոցներով էր պայքարում սառույցի դեմ։ Նա դեկտեմբերին, հունվարին, սառույցի մեջ անցքեր էր բացում։ Նա վաղ առավոտյան, դեռ լույսը չբացված, նկուղից հանում էր հեծանիվը, Զասպեի միջով գնում էր Բրոյզեն, Բրոյզենից ձյունածածկ զբոսավայրով՝ Գլերկաուի ուղղությամբ, Բրոյզենի ու Գլերկաուի արանքում իջնում էր հածանիվից և մինչ լուսաբացը դանդաղ շարժվում էր առաջ, պարկի մեջ դրված սառույց կոտրելու գործիքի հետ հեծանիվը սառցակալած ավազների վրայով հրում էր դեպի ծովի ափը, իսկ հետո մոտ երկու հարյուր, երբեմն նույնիսկ երեք հարյուր մետր սառցապատ ծովի վրայով։ Ծովի վրա կախված էր լինում ափամերձ մառախուղը, և ափից ոչ ոք չէր կարող տեսնել, թե ինչպես էր Գրեֆը պառկեցնում հեծանիվը, սոխի պարկի միջից հանում սառցապատ գործիքը, մի քանի րոպե կանգնում և լուռ երկյուղածությամբ հետևում սառույցների մեջ մրսած֊կանգնած վաթսուն նավերից իրեն հասնող մառախլապատ ազդանշանների ձայները։ Այնուհետև նա հագից հանում էր բաճկոնը, մի որոշ ժամանակ զբաղվում մարմնամարզությամբ, ինչից հետո ուժեղ, համաչափ հարվածներով սկսում էր ծովի մեջ կլոր անցք բացել։

Անցքի վրա Գրեֆն աշխատում էր երեք քառորդ ժամից ավելի։ Միայն թե, խնդրում եմ, ինձ մի հարցրեք, թե որտեղից ես դա գիտեմ։ Մեր մեջ ասած, այն ժամանակ Օսկարը ամեն ինչ գիտեր։ Հենց այդ իսկ պատճառով էլ ես գիտեի, թե որքան ժամանակ է Գրեֆը կորցնում այդ անցքի վրա։ Նա քրտնում էր, և նրա աղի քրտինքը բարձր ու ուղղաձիգ ճակատի վրայից կաթիլ առ կաթիլ ընկնում էր ձյան մեջ։ Նա ամեն ինչ անում էր արհեստավարժորեն․ խնամքով շրջաքգծով կտրում էր վերին շերտը, շրջագիծը փակվում էր, ինչից հետո նա առանց ձեռնոցների մոտ քսան սանտիմետր հաստություն ունեցող սառցակտորը հանում էր սառցադաշտից, որը ենթադրաբար ձգվում էր մինչև Խել [9]և կամ մինչ Շվեդիա։ Հնագույն, մոխրագույն սառցե շիլայի հետ խառնված ջուրը կոտրված անցքի միջից փոքր֊ինչ գոլորշի էր արձակում, սակայն դա ամենևին էլ տաք աղբյուր չէր։ Անցքը ձկներին գայթակղում էր մոտենալ։ Իսկ ավելի ճիշտ ասած, ուղղակի այդպես ասում են սառույցի մեջ բացված անցքերի մասին՝ իբր նրանք գայթակղում են ձկներին։ Ցանկության դեպքում Գրեֆը կարող էր քարալեզ կամ քսան ֆունտանոց փրփրուկ որսալ։ Սակայն նա ձկնորսությամ չէր զբաղվում, այլ հակառակը, սկսում էր հանվել՝ ընդ որում լրիվ մերկանալով, քանզի եթե Գրեֆն է հանվում, ապա միշտ լրիվ է մերկանում։

Սակայն Օսկարը ամենևին էլ չի ուզում, որպեսզի ցրտից գեր թիկունքը փշաքաղվի։ Կարճ խոսենք․ ձմռան բոլոր ամիսներին բանջարեղրեն վաճառող Գրեֆը շաբաթը երկու անգամ լողանում էր Բալթիկ ծովում։ Չորեքշաբթի օրերին նա լողանում էր դեռ լույսը չբացված։ Ժամը վեցին տանից դուրս էր գալիս։ Վեցն անց երեսունին հասնում էր տեղ, մինչև յոթին տասնհինգ պակաս անցք էր բացում, արագ, ձեռքերը լայնատարած շարժելով, մարմնից պոկում, հանում էր հագուստը, նետվում էր սառցե անցքի մեջ՝ նախապես մարմինը ձյունով շփելով, սառցե անցքի մեջ բարձր գոռում էր, երբեմն ես նույնիսկ լսում էի, թե ինչպես է նա երգում «Գիշերվա մեջ վայրի սագերն են խշխշում․․․» կամ «Սիրելի են մեզ փոթորիկները, սիրելի են մեզ ալեկոծությունները․․․» և գոռում ու լողանում էր երկու, առավելագույնը երեք րոպե, ինչից հետո հանկարծ ծայրահեղ ճշգրտության մեկ թռիչքով ուրվագծվում էր սառցաշերտի վրա, գոլորշի արձակող, խեցգետնի պես կաս֊կարմիր մարմինը վազեցնում էր սառցե անցքի շուրջ՝ դեռևս շարունակելով գոռալ, կամաց֊կամաց սառում էր և, վերջապես, անցած ուղիով վերադառնում՝ հագուստի մեջ և հեծանիվի վրա։ Ութից քիչ պակաս Գրեֆը ժամանում էր Լաբեսվեգ և մեկ րոպեի ճշտությամբ բացում էր բանջարեղենի կրպակը։

Երկրորդ լոգանքը Գրեֆն ընդունում էր կիրակի օրերին՝ բազմաթիվ տղաների ուղեկցությամբ։ Օսկարը հանձն չի առնի հաստատել, որ ամեն ինչ անձամբ տեսել է, նա ոչինչ չի տեսել։ Դա հետո միայն մարդիկ էին պատմում։ Երաժիշտ Մայնը շատ բան կարող էր պատմել բանջարեղենի վաճառողի մասին։ Դա նա շեփորում էր ողջ մարզով մեկ և այդ շեփորային պատմություններից մեկը բարձրաձայնում էր․ ամեն կիրակի, նույնիսկ ամենաճրթճրթան սառնամանիքի ժամանակ, Գրեֆը լողանում էր բազմաթիվ տղաների ուղեկցությամբ։ Այնուամենայնիվ, նույնիսկ Մայնն էլ չէր սկսի պնդել՝ իբր բանջարեղեն վաճառողը տղաներին ստիպում է մերկանալով իր հետևից մտնել սառցաջրի մեջ։ Նրան լիովին բավարարում էր, երբ նրանք կիսամերկ կամ գրեթե մերկ, արևահարված ու մկանուտ, խռնվում էին ձյան վրա և միմյանց ձյունով շփում։ Այո, այո, և եթե ձյան վրա լինելով, տղաները Գրեֆին այնքան հաճույք էին պատճառում, որ ոչ այն է լողանալուց առաջ, ոչ այն է հետո, հաճախ սկսում էր նրանց հետ հիմարություններ անել՝ օգնելով այս կամ այն տղային շփել կամ էլ թույլ տալով, որպեսզի ողջ ավազակախումբը շփի իրեն․ իբր երաժիշտ Մայնը, չնայած ափամերձ մառախուղին, կարողացել է անձամբ Գլետկաուի զբոսավայրից հետևել, թե ինչպես է սարսափելու աստիճան մերկ գոռացող Գրեֆը դեպի իրեն քաշում իր երկու նույնչափ մերկ սաներին, բարձրացնում վեր՝ մերկությունը իր վրա մերկություն բարձած, և կապերը կտրած ողջ եռյակը մոլեգնել է սառցաշերտի վրա։

Դժվար չէ հասկանալ, որ Գրեֆը ձկնորսի որդի չէր, չնայած որ Բրոյզենում և Նոյֆարվասերում Գրեֆ ազգանունով շատ ձկնորսներ էին բնակվում, սակայն բանջարեղեն վաճառող Գրեֆը ծնունդով Թիգենհոֆից էր՝ չնայած Լինա Գրեֆը՝ ծնունդով Բարչից, իր ապագա ամուսնու հետ ծանոթացել էր Պրաուստում։ Վերջինս այնտեղ մի գործունյա և երիտասարդ առաջնորդարանի տեղապահի օգնում էր ղեկավարել ընկերների կաթոլիկական ակումբը՝ այն ժամանակ, երբ հենց այդ նույն առաջնորդական տեղապահի պատճառով Լինան ամեն շաբաթ օր համանքային տուն էր այցելում։ Եթե հավատանք լուսանկարին, որը, պետք է ենթադրել, հենց ինքն է ինձ նվիրել, քանի որ լուսանկարը մինչ օրս էլ սոսնձված է իմ լուսանկարչական ալբոմի էջերից մեկի վրա, քսանամյա Լինան ամրակազմ, ուրախ, կլորիկ, բարեհոգի, թեթևամիտ, հիմար աղջիկ է եղել։ Նրա հայրը Սանկտ֊Ալբրեխտում մեծ այգեգործության տնօրենն էր։ Քսաներկու տարեկան հասակում լինելով բացարձակապես անփորձ աղջիկ, ինչպես հետագայում չէր հոգնում անդադար կրկնել, Լինան առաջնորդական տեղապահի խորհրդով ամուսնացավ Գրեֆի հետ և իր հոր փողերով Լանգֆուրում բանջարեղենի կրպակ բացեց։ Քանի որ իրենց ապրանքի մեծ մասը, օրինակ ասենք բոլոր մրգերը, նրանք էժան գներով ստանում էին հայրական այգեգործությունից, նրանց գործերը լավ էին գնում, կարծես ինքնըստինքյան, և Գրեֆն այստեղ շատ բան փչացնել չէր կարող։

Չնայած առանց այն էլ, եթե Գրեֆն ամեն կարգի կեղծիքների հանդեպ մանկական կրքոտությամբ օժտված չլիներ, մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտություն չէր զգացվի նման հաջող տեղակայվածություն ունեցող կրպակը, երեխաներով վխտացող արվարձանում և առանց մրցակիցների հարևանության, վեր ածել ոսկե հատակի։ Սակայն երբ մետաղորոշիչ պալատի ծառայողը երրորդ ու չորրորդ անգամ ստուգեց կշեռքը, բռնագրավեց կշռաքարերը, կշեռքը կնքեց կապարակնիքով և Գրեֆի վրա տարբեր չափերի տուգանքներ դրեց, մշտական գնորդների մի մասը նրան լքեց, սկսեց կիրակնօրյա շուկայում գնումներ կատարել՝ ընդ որում ասելով այսպես՝ ճիշտ է, Գրեֆի ապարանքը մշտապես առաջնակարգ է և ամենևին էլ թանկ չէ, սակայն հավանաբար այնտեղ ինչ֊որ բան կարգին չէ, մետաղորոշիչ պալատի մարդիկ կրկին եղել են նրա մոտ։

Այնուհանդերձ, ես բացարձակապես վստահ եմ՝ Գրեֆը ոչ մեկին չէր ուզում խաբել, զուր չէ, որ կարտոֆիլի մեծ կշեռքը, այն բանից հետո, երբ նա դրա մեջ ինչ֊որ բան կատարելագործեց, ընդհակառակը, Գրեֆին էր խաբում։ Այսպես, պատերազմի սկզբից ոչ շատ առաջ Գրեֆը հենց այդ կշեռքին կից զանգերով ժամացույց հարմարեցրեց, որոնք ապրանքի քաշից կախված որևէ մի երգ էին կատարում։ Քսան ֆունտ գնողը, այսպես ասած, որպես հավելում ստանում էր «Դու ազնիվ և հավատարիմ եղիր», իսկ հարյուր կիլոգրամ ձմեռային տեսակի կարտոֆիլը զանգերով ժամացույցից կորզում էր պարզունակությամբ դյութող «Էնխենը Թարաուից» երգի ձայները։

Եվ չնայած ես գիտակցում էի, որ նման երաժշտական նորարարությունները կարող են մետաղորոշից պալատի սրտով չլինել՝ Օսկարը բանջարեղեն վաճառողի հիմարություններին մոտենում էր լիարժեք ըմբռնումով։ Ահա Լինա Գրեֆը ևս ներողամտությամբ էր ընդունում ամուսնու տարօրինակությունները, քանի որ, այո, Գրեֆների ընտանեկան համերաշխությունը հենց նրա վրա էլ հիմնվում էր, որ ամուսիններից յուրաքանչյուրը ներողամիտ էր մյուսի տարօրինակությունների հանդեպ։ Դա մեզ իրավունք է տալիս պնդել, որ Գրեֆների ամուսնությունը լիովին բարեհաջող էր։ Բանջարեղեն վաճառողը կնոջը չէր ծեծում, ուրիշ կանանց հետ նրան երբեք չէր դավաճանում, ո՛չ հարբեցող էր, ո՛չ զեխ ու շվայտ, այլ, հակառակը, ուրախ, պատշաճ հագնված պարոն էր, որն իր բարեսրտության և մարդամոտ բնավորության համար շատ սիրված էր ոչ միայն երիտասարդության, այլև գնորդների այն մասի կողմից, որոնք կարտոֆիլի հետ հաճույքով էին գնում նաև երաժշտական նվագակցությունը։

Ահա թե ինչու էր Գրեֆը հանգիստ ու ըմբռնումով հետևում, թե ինչպես է իր Լինան տարեցտարի վերածվում ավելի ու ավելի գարշելի հոտ արձակող, կեղտոտ անզգամի։ Ես տեսել եմ, թե ինչպես է նա ժպտում, երբ մարդիկ, ովքեր նրա բարին էին կամենում, անզգամին անվանում էին անզգամ։ Երբեմն ես լսում էի, թե ինչպես էր նա, չնայած կարտոֆիլի հետ կապված իրարանցմանը, շնչելով իր խնամված ձեռքերի մեջ և դրանք շփելով, Մացերատին (որը Գրեֆին տանել չէր կարողանում) ասում․

― Դե, Ալֆրեդ, դու ինքնըստինքյան ճիշտ ես։ Նա՝ մեր բարի Լինան, փոքր֊ինչ փնթի է։ Սակայն մի՞թե ես ու դու լիովին անբիծ ենք։

Եվ եթե Մացերատը չէր պոկվում, Գրեֆը, չնայած լիովին բարեկամաբար, սակայն վճռականորեն ընդհատում էր բանավեճը․

― Դու, իհարկե, ճիշտ ես դատում, սակայն նրա սիրտը բարի է։ Գոնե ես իմ Լինային գիտեմ։

Շատ հնարավոր է, որ նա իսկապես էլ գիտեր նրան։ Դրա փոխարեն կինը նրան գրեթե չգիտեր։ Ճիշտ նույն ձևով, ինչպես հարևաններն ու գնորդները, նա Գրեֆի հարաբերությունները այն տղաների ու պատանիների հետ, որոնք հաճախ էին այցելում նրան, բացատրում էր հատուկ պատրաստվածություն չունեցող, սակայն միևնույն է, երիտասարդության կրքոտ ընկերոջ և դաստիարակի հանդեպ երիտասարդ մարդկանց սովորական խոնարհմամբ։

Դրա փոխարեն իմ մոտ Գրեֆը չէր կարող ինձ խոնարհում ներշնչել և իր օրինակով ինձ դաստիարակել ևս նա չէր կարող։ Եվ ընդհանրապես, Օսկարը նրա ճաշակով չէր։ Իհարկե, եթե ես մտադրվեի իմ աճը վերականգնել, հնարավոր է և դառնայի նրա ճաշակով, որովհետև իմ որդին՝ Կուրտը, որն այժմ մոտ տասներեք տարեկան է, ոսկրային գերաճի իր ողջ տեսքով ճշտորեն համապատասխանում է Գրեֆի ճաշակին՝ չնայած որ Մարիային է նման, ինձանից գրեթե ոչինչ չի ժառանգել, իսկ Մացերատի մասին խոսելն էլ ավելորդ է։

Գրեֆը Ֆրից Տրուչինսկու հետ, որն արձակուրդին հայրենիք է եկել, դարձան վկաներ, երբ կայացավ Մարիա Տրուչինսկու և Ալֆրեդ Մացերատի ամուսնությունը։

Քանի որ Մարիան և նրա ամուսինը բողոքական հավատք ունեին, նրանք բավարարվեցին քաղաքապետարան արշավով։ Դա տեղի էր ունենում դեկտեմբերի կեսերին։ Մացերատը իր կուսակցական համազգեստով արտաբերեց իր «այո»֊ն, իսկ Մարիան արդեն երեք ամսական հղիություն ուներ։ Սակայն որքան իմ սիրեցյալը ավելի գեր էր դառնում, Օսկարի ատելությունը ավելի էր ամրանում։ Չնայած, բուն հղիության հանդեպ ես ամենևին էլ ոչինչ չունեի։ Եվ միայն այն հանգամանքը, որ ինչ֊որ ժամանակ իմ կողմից բեղմնավորված սաղմը պետք է կրեր Մացերատի ազգանունը, զրկում էր ինձ առաջիկայում տոհմի շարունակողի լույս աշխարհ գալու կապակցությամբ ուրախությունից։ Այդ իսկ պատճառով, երբ Մարիան հինգ ամսվա հղի էր, ես առաջին անգամ, չնայած չափից դուրս ուշացած, նախաձեռնեցի նրա մոտ վիժում առաջացնելու փորձը։ Դա տեղի ունեցավ պարահանդեսի ժամանակ, երբ Մարիան ցանկանում էր պղնձե ձողի վրա, որտեղից սովորաբար կախում են երշիկներն ու խոզի ճարպը, կախել թղթե օձերը և էլի երկու մեծ կարմիր քթերով ծաղրածուական դիմակներ ամրացնել։ Աստիճանը, որը սովորաբար հուսալիորեն հենվում է դարակներին, այս անգամ հենված էր վաճառասեղանին և ճոճվում էր։ Մարիան՝ կանգնած վերևում, ձեռքերը թղթե օձերի միջև, Օսկարը ներքևում, աստիճանի հիմքի մոտ։ Որպես լծակ օգտահործելով թմբուկի փայտիկները, հաստատ մտադրությամբ և ուսով օգնելով, ես փոքր ինչ վեր բարձրացրեցի աստիճանը և այն կողքի շարժեցի, թղթե օձերի և ծաղրածուական դիմակների միջև գտնվող Մարիան թույլ և շատ վախեցած գոռաց, աստիճանը ճոճվեց, Օսկարը թռավ մի կողմ և հենց նրա կողքին ընկավ Մարիան՝ իր հետևից բերելով գունավոր թուղթը, երշիկն ու դիմակները։

Արտաքուստ ամեն ինչ ստացվեց շատ ավելի սարսափելի, քան այն կար իրականում։ Ընդամենը նրա ոտքը ոլորվեց, և նա ստիպված եղավ պառկել և ընդհանրապես իրեն զգույշ պահել, իսկ բացի այդ նրա հետ այլևս ոչինչ տեղի չունեցավ, գնալով նա դառնում էր ավելի ու ավելի տձև, սակայն նույնիսկ Մացերատին չպատմեց, թե ինչպես օգնեցի նրան ոլորել ոտքը։

Միայն երբ հաջորդ տարվա մայիսին, սպասվելիք ծննդաբերությունից մոտ երեք շաբաթ առաջ, ես նրան վիժեցնելու երկրորդ փորձը նախաձեռնեցի, նա, ընդ որում ողջ ճշմարտությունը չբացահայտելով, խոսեց Մացերատի՝ իր ամուսնու հետ։ Ճաշի ժամանակ իմ ներկայությամբ նա հանկարծ ասաց․

― Հետաքրքիր է, թե ինչից է մեր Օսկարը այդքան փորձանք բերող դարձել, մեկ էլ տեսնես փորիս կհարվածի։ Միգուցե, մինչև ծննդաբերելս մենք նրան տանք մորս, այնտեղ տեղ կա։

Մացերատը լսեց և ամեն ինչին հավատաց։ Իսկ իրականում մահացու մտադրությունը ինձ օգնեց Մարիայի հետ լրիվ այլ հանդիպում իրականացնել։

Ճաշի ընդմիջման ժամանակ նա պառկեց թախտի վրա։ Մացերատը մնաց կրպակում և, ճաշից հետո լվանալով ամանները, զարդարում էր ցուցափեղկերը։ Սենյակում լռություն էր տիրում։ Թերևս միայն միայնակ ճանճն է տզզում, մեկ էլ տկտկում է ժամացույցը, և ռադիոն հազիվ լսելի ձայնով տեղեկություն է հաղորդում Կրիտոսում մեր պարաշյուտիստների հաջողությունների մասին։ Ես սկսեցի լսել, միայն երբ խոսափողին մոտեցավ հանրահայտ բռնցքամարտիկ Մաքս Շմելինգը։ Որքանով որ կարողացա հասկանալ, նա, թռիչքից հետո վայրէջք կատարելով Կրիտոսի ժայռապատ հողի վրա, վնասել էր իր՝ չեմպիոնի, ոտքը, պետք է պառկեր անկողնում և խնայում էր իրեն, ճիշտ ինչպես Մարիան, որն աստիճանից վայր ընկնելով նույնպես պետք է իրեն խնայեր։ Շմելինգը տեղեկացնում էր հանգիստ, համեստորեն, հետո ելույթ ունեցան ոչ այնքան հանրահայտ պարաշյուտիստները, և Օսկարը դադարեց լսել․ լռություն, միգուցե միայնակ ճանճը, ժամացույցը ինչպես միշտ, ռադիոն, հազիվ լսելի։ Ես նստել էի պատուհանի դիմաց իմ աթոռակի վրա և դիտում էի Մարիայի որովայնը՝ թախտի վրա։ Նա պառկած էր փակ աչքերով և ծանր շնչում էր։ Հազվադեպ ափսոսանքով հարվածում էի իմ թմբուկին։ Սակայն Մարիան չէր շարժվում և այնուամենայնիվ ստիպում էր ինձ իր փորի հետ շնչել նույն օդը։ Ճիշտ է, այստեղ էր նաև ժամացույցը, վարագույրի և ապակու միջև ճանճը, և ռադիոն քարոտ Կրիտոս կղզիով՝ ետին պլանում։ Սակայն այդ բոլորը անհետացան մեկ ակնթարթում, ես տեսնում էի միայն փորը, արդեն չգիտեի, թե որ սենյակում է բլրվում այդ փորը և ում է այն ճիշտն ասած պատկանում, գրեթե մոռացել էի, թե ով է այդ փորը այդպես հսկայական դարձրել և ունեի մեն միակ ցանկություն․ փորը պետք է անհետանա, դա սխալ է, նա քո առջև կփակի լույս աշխարհը, դու պետք է ոտքի կանգնես, դու պետք է ինչ֊որ բան անես։ Եվ ես վեր կացա։ Դու պետք է գիտակցես, թե ինչ կարելի է այստեղ անել։ Եվ ես շարժվեցի դեպի փորը՝ ճանապարհին ինչ֊որ բան հետս վերցնելով։ Պետք է դուրս թողնել ավելորդ օդը, սա բարի ուռուցք չէ։ Այստեղ ես բարձրացրեցի այն, ինչը վերցրել էի ճանապարհից, փնտրեցի և գտա ձեռքի թմբլիկ ափերի միջև տեղը, որը շնչում էր փորի վրա և նրա հետ, օ, ժամանակն է, որ դու վերջապես որոշում կայացնես, եթե ոչ Մարիան կբացի աչքերը։ Այստեղ ես զգացի, որ ինձ արդեն հետևում են, շարունակելով, սակայն, աննահանջ հետևել փոքր֊ինչ դողացող Մարիայի ձախ ձեռքին, թեև նկատեցի, որ նա ետ տարավ աջ ձեռքը, որ աջ ձեռքի մտքին չար բան կա և այդ իսկ պատճառով շատ չզարմացա, երբ Մարիան աջ ձեռքով պտտեց Օսկարի ափը և նրա միջից դուրս քաշեց մկրատը։ Հնարավոր է, որ ես էլի որոշ ժամանակ կանգնած մնացի խփելու համար առաջ բերած, չնայած որ դատարկ ձեռքով, լսում էի ժամացույցին, ճանճին, ռադիոյի հաղորդավարի ձայնը, որն ավարտում էր Կրիտոս ցած իջնելու մասին հաշվետվությունը, հետո շրջվեց և, նախքան կարող էր նոր հաղորդումը սկսել՝ աշխույժ մեղեդիներ երկուսից մինչև երեքը, լքեց մեր հյուրասենյակը, որը նրա համար չափից դուրս նեղ էր դարձել՝ իր ամբողջապես որովայն դառնալու պատճառով։

Երկու օր անց Մարիան ինձ ապահովեց նոր թմբուկով և տարավ Տրուչինսկի մայրիկի՝ սուրճի փոխարինողի և տապակած կարտոֆիլի հոտ արձակող երրորդ հարկի բնակարանը։ Սկզբում ես քնում էի թախտի վրա, որովհետև Օսկարը կտրականապես հրաժարվեց քնել Հերբերթի նախկին մահճակալի վրա, որը մինչ այդ ժամանակ, ինչպես ես կարող էի համոզվել, պահպանել էր Մարիայի վանիլային բուրմունքը։ Մեկ շաբաթ անց ծերունի Հայլանդը աստիճաններով վեր բարձրացրեց իմ մանկական փայտե մահճակալը։ Ես թույլ տվեցի, որ այդ կառուցվածքը տեղադրվի այն անկողնու կողքին, որն իր ժամանակին լռություն էր պահպանում իմ, Մարիայի և մեր ընդհանուր փրփրուն ըմպելիքի համար փոշու մասին։

Օսկարը Տրուչինսկի մայրիկի մոտ դարձավ ավելի հանգիստ կամ ասենք այսպես՝ անտարբեր։ Լավ էր, որ ես այժմ չէի տեսնում այդ փորը, քանի որ այժմ Մարիան վախենում էր աստիճաններից։ Իսկ ես մեր առաջին հարկի բնակարանը, մեր կրպակը, փողոցը և նույնիսկ մեր տան բակը, որտեղ մատակարարումների հետ կապված դժվարությունների հետևանքով կրկին ճագարների մեծ ճաղավանդակներն էին հայտնվել, կողքով էի շրջանցում։

Մեծ մասամբ Օսկարը նստում էր փոստային բացիկների հավաքածուի դիմաց, որոնք Փարիզից ուղարկել կամ բերել էր ենթասպա Ֆրից Տրուչինսկին։ «Փարիզ» բառի տակ ես ինքս շատ բաներ էի պատկերացնում, և երբ Տրուչինսկի մայրիկը ինձ տվեց Էյֆելյան աշտարակով բացիկը, մտքով ներթափանցելով համարձակ կառույցի մետաղական կառուցվածքի մեջ, սկսեցի թմբուկի վրա թմբկահարել Փարիզը՝ թմբկահարումը սկսելով մյուզեթից, չնայած ոչ մի մյուզեթ մինչ օրս ոչ մի անգամ չէի լսել։

Հունիսի տանսերկուսին, իմ հաշվարկներով ժամկետից երկու շաբաթ շուտ, Երկվորյակների, այլ ոչ Խեցգետնի նշանի ներքո, ինչպես ես կանխատեսում էի, լույս աշխարհ եկավ իմ որդի Կուրտը։ Հայրը՝ Յուպիտերի տարում, որդին՝ Արուսյակի։ Հայրը՝ կույսի նախորոշող նշանի տակ և Մերկուրիի իշխանության ներքո, սակայն Երկվորյակի նշանի տակ, ինչը նրան օժտում էր սառը, նպատակասլաց խելքով։ Այն, ինչը ինձ մոտ Կշեռքի նշանի տակ ծագող լուսատուի Տանը թուլացնում էր Վեներան, նույն Տանը Խոյը փչացնում էր իմ որդու մոտ և առաջիկայում ես դեռ պետք է զգայի նրա Մարսին։

Անհանգստացած և մկան պես ծամածռվելով՝ Տրուչինսկի մայրիկը ինձ հայտնեց այդ նորությունը․

― Պատկերացնո՞ւմ ես, Օսկար, այնուամենայնիվ, արագիլը քեզ եղբայր բերեց։ Իսկ ես արդեն մտածում էի, դե մտածում էի, որպեսզի Մարիել չլինի, նրա հետ այնքան հոգս կա։

Ես Էյֆելյան աշտարակի և մոտ ժամանակներս նրան միացած Հաղթական կամարի նոտաներով թմբկահարությունը գրեթե չընդհատեցի։ Տրուչինսկի տատիկի կարգավիճակով Տրուչինսկի մայրիկը ևս ինձնից շնորհավորանքներ չէր սպասում։ Եվ չնայած ամենևին էլ կիրակի չէր, նա որոշեց այտերին թեթևակի կարմիր շպար քսել, ձեռքն առավ վաղուց արդեն իրեն լավագույն կողմից դրսևորած եղերդով սուրճի տուփը, այտերը շփեց թարմ, մաքուր ներկով և լքեց սենյակը, որպեսզի այնտեղ առաջին հարկում օգնի Մացերատին՝ ենթադրայլ հորը։

Ինչպես արդեն ասվեց՝ հունիսն էր։ Հունիսը խաբուսիկ ամիս է։ Հաջողություններ բոլոր ռազմաճակատներում, եթե իհարկե հաջողությունները Բալկաններում կարելի է անվանել որպես այդպիսիք։ Դրա փոխարեն Արևելքում դեռ շատ ավելի ծանրակշիռ հաջողություններ էին սպասվում։ Այդ ուղղությամբ հսկայական զորախումբ էր շարժվում։ Երկաթուղին աշխատում էր ինչպես երբեք։ Ահա նաև Ֆրից Տրուչինսկին, որը մինչ այժմ այդքան ուրախ էր ապրում Փարիզում, ստիպված եղավ ճամփորդություն սկսել դեպի Արևելք, և այդ ճանապարհորդությունը շուտ ավարտ չէր խոստանում և ամենևին էլ նման չէր ժամանցային զբոսանքի։ Իսկ Օսկարը շարունակում էր հանգիստ նստած մնալ փայլուն բացիկների դիմաց, նա առաջվա պես շարունակում էր մշտամնա լինել վաղ ամռան տաք Փարիզում, թեթևակի թմբկահարում էր «Երեք պատանի թմբկահարները», նվազագույն կապ անգամ չուներ գերմանական զավթիչ բանակի հետ և, ուրեմն, կարող էր չվախենալ պարտիզաններից, ովքեր մտածում էին միայն այն մասին, թե ինչպես հրելով իրեն կամրջից Սենան գցեն։ Ոչ, ես ոտքից գլուխ պարտիզանական հագուստով՝ իմ թմբուկի հետ մագլցում էի Էյֆելյան աշտարակի վրա և, ինչպես կարգն է, սիրով վերևից դիտում էի լայնատարած համայնապատկերր, չնայած դեպի ներքև ձգող բարձրությունը իրեն զգում էր հոյակապ, առանց ինքնասպանության մասին քաղցրավուն֊դառը մտքի փոքր֊ինչ նշույլի, այնպես որ միայն երբ ես ներքև իջնելուց հետո, իմ իննսունչորս սանտիմետր հասակով կանգնել էի Էյֆելյան աշտարակի լանջի մոտ, կրկին իմ հիշողության մեջ հայտնվեց որդուս ծնունդը։

Ահա և ձեզ որդի, մտածեցի ես։ Երբ լրանա նրա երեք տարին, նա ինձանից թիթեղյա թմբուկ կստանա։ Հենց այդ ժամանակ էլ մենք կտեսնենք, թե մեզանից ով է իսկական հայրը՝ ոմն պարոն Մացերա՞տը, թե՞ ես՝ Օսկար Բրոնսկիս։

Որքան հիշում եմ, հենց օգոստոս շոգ ամսին, երբ մեզ հայտնեցին Սմոլենսկի մոտ հակառակորդի շրջափակման հաջող վերացման մասին իմ որդուն՝ Կուրտին կնքեցին։ Սակայն ինչպե՞ս ստացվեց, որ կնունքին հրավիրեցին իմ Աննա Կոլյայչեկ տատիկին և նրա եղբորը՝ Վինցենտ Բրոնսկուն։ Եթե ես կրկին ընդունեմ այն վարկածը, համաձայն որի իմ հայրը Յան Բրոնսկին է, իսկ սուս ու փուս և մշտապես փոքր֊ինչ հիմարավոին Վինցենտ Բրոնսկին՝ իմ հայրական կողմից պապիկը, այդ ժամանակ, իհարկե, հրավերքի համար բոլոր հիմքերը կային։ Դե և վերջ ի վերջո, իմ պապիկն ու տատիկը իմ որդի Կուրտի նախապապն ու նախատատն էին։

Սակայն ապացույցների նման գիծը բնականաբար, բացարձակապես խորթ էր Մացերատին, որն էլ հենց հրավիրել էր։ Քանզի նույնիսկ ամենակասկածելի պահերին, օրինակ՝ խայտառակ ձևով սկատի խաղափուլի պարտությունից հետո նա իրեն երևակայում էր և՛ հայր, և՛ կերակրող։ Այնպես որ, իր պապիկին ու տատիկին ամենևին այլ պատճառով տեսավ։ Նրանց երկուսին էլ գերմանացրել էին։ Նրանք այլևս լեհեր չէին համարվում, կաշուբյան լեզվով նրանք այժմ միայն երազներ էին տեսնում։ Իսկ անվանվում էին նրանք «Ժողգերմանացիներ, երրորդ խումբ»։ Դրան գումարած Յանի այրին՝ Հեդվիգ Բրոնսկին, ամուսնացել էր բալթյան գերմանացու հետ, որը, որպես գյուղհամայնքի ղեկավար, ծառայում էր Ռեմկաուում։ Արդեն ներկայացվել էին դիմումներ, որպեսզի դրական պատասխանի դեպքում Մարգա և Ստեֆան Բրոնսկիները այսուհետ կարողանային կրել խորթ հոր ազգանունը և կոչվել Էլերս։ Տասնյոթ տարեկան Ստեֆանը ինքնակամ մեկնեց բանակ և այժմ գտնվում էր Գրոս֊Բոշպոլեի զինհրապարակում, որտեղ իրենց պատրաստությունն էին անցկացնում հետևակային զորամասերը, մի խոսքով, հնարավորություն ուներ ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմերը տեսնել սեփական աչքերով, մինչդեռ Օսկարը, որը նույնպես մոտենում էր զորակոչային հասակին, ստիպված էր թմբուկի ետևում սպասել, մինչև որ բանակում և կամ նավատորմում, կամ, ենթադրենք, ավիացիայում, այսպիսի երեք տարեկան թմբկահարին օգտագործելու հնարավորություն գտնվի։

Սկիզբը գյուղհամայնքի ղեկավար Էլերսը դրեց։ Կնունքից երկու շաբաթ առաջ նա թամբեց իր երկու ձիերը և իր Հեդվիգի հետ եկավ Լաբեսվեգ։ Նա ուներ ծուռ ոտքեր, հիվանդ ստամոքս և Յան Բրոնսկու հետ որևէ համեմատության ենթակա չէր։ Իր Հեդվիգից մեկ գլուխ ցածր՝ նա կովի աչքերով նստել էր մեր հյուրասենյակի սեղանի մոտ։ Նրա գալուստը նույնիսկ Մացերատին շփոթմունքի մեջ գցեց։ Ոչ մի կերպ խոսակցությունը չէր ստացվում։ Խոսեցին եղանակի մասին, նկատեցին, որ արևելքում շատ բաներ են տեղի ունենում, որ այնտեղ ամեն ինչ հալած յուղի պես է ընթանում և ընդհանրապես, ըստ Մացերատի խոսքերի, շատ ավելի հաջող, քան տասնհինգ թվին, իսկ տասնհինգ թվին ինքն էլ էր մասնակցել։

Բոլորը ձգտում էին չխոսել Յան Բրոնսկու մասին, մինչև որ ես խաչ քաշեցի նրանց լռելու ծրագրի վրա և, երեխայի նման շուրթերս առաջ ցցելով, մի քանի անգամ կանչեցի Օսկարի մորեղբայր Յանին։ Մացերատը զգաստացավ և մի քանի մտախոհ ու բարի խոսք ասաց իր նախկին ընկերոջ ու հակառակորդի մասին։ Էլերսը անմիջապես նրա հետ համաձայնեց՝ չնայած ինքն անձամբ իր նախորդին երբևիցե չէր տեսել։ Հեդվիգը իրենից դուրս մղեց մի քանի անկեղծ, այտի վրայով դանդաղ ներքև գլորվող արցունքի կաթիլներ և, վերջապես, «Յան» թեմայով եզրափակիչ խոսքը․

― Լավ մարդ էր։ Նա նույնիսկ ճանճին չէր նեղացնի։ Ով կարող էր մտածել, որ նա այդպես կզոհվի, երբ նա այնքան վախկոտ էր, բայց, տես, թույլ տվեց, որ իրեն անմեղ տեղը գնդակահարեն, իսկապես որ անմեղ տեղը։ Այս բառերից հետո Մացերատը իր ետևում կանգնած Մարիային կարգադրեց մի շիշ գարեջուր բերել, իսկ Էլերսին հարցրեց, թե գիտի՞ արդյոք նա սկատ խաղալ։ Պարզվեց Էլերսը չգիտեր, ինչի համար շատ էր ափսոսում, սակայն Մացերատի մեծահոգությունը բավարարեց, որպեսզի ների գյուղհամայնքի ղեկավարի այդ արատը։ Նույնիսկ նրա ուսին թփթփացրեց, և երբ արդեն գարեջուրը լցված էր գավաթների մեջ, հավաստիացրեց, որ եթե նույնիսկ Էլերսը սկտաից ոչինչ չի հասկանում, դա մանրուք է, և իրենք կարող են ընկերներ մնալ։

Ահա թե ինչպես Հեդվիգ Բրոնսկին արդեն Հեդիվգ Յ֊ս անվան տակ նորից տրորեց դեպի մեր բնակարան ձգվոց ուղեգորգը, իմ Կուրտ որդու կնունքին իր հետ բերելով ոչ միայն գյուղհամայնքի ղեկավարին, այլև իր նախկին սկեսրայր Վինցենտ Բրոնսուն և նրա քրոջը՝ Աննային։ Դատելով ամեն ինչից՝ Մացերատը արդեն տեղեկացված էր, նա բարձրաձայն և շատ ջերմորեն, ուղիղ փողոցում, հարևանների պատուհանների տակ, ողջունեց երկու ծերերին, իսկ երբ արդեն տանը տատիկս ձեռքերը մտցրեց իր չորս շրջազգեստների տակ և այնտեղից հանեց կնունքի նվերը՝ բտած սագին, ասաց․

― Զուր նեղություն ես քաշել, մայրիկ։ Լինի սագի հետ, թե առանց, ես միշտ ուրախ եմ քեզ տեսնել։

Այդ ձևակերպումը, սակայն, դուր չեկավ իմ տատիկին։ Նա, հակառակը, ուզում էր լսել, թե ինչ արժեքավոր է սագը, նա ափով թմփացրեց սագի յուղոտ մարմնին ու ասաց․

― Դե դու էլ չեմուչում մի արա, Ալֆրեդ։ Սա քո համար կաշուբյան սագ չէ, սա ժողգերմանական սագ է և համը ճիշտ նախապատերազմյան է։

Սրանով իսկ մեկ առ մեկ լուծվեցին բոլոր ազգային խնդիրները, և միայն կնունքից անմիջապես առաջ ծագեցին որոշ դժվարություններ, նրանք տաքսիի միջից հանեցին ու բերեցին իմ թմբուկը՝ ինձ գրավելով ինչպես գազանին փոքրիկ կենդանի ձկներով, համոզելով, որ բողոքական եկեղեցի թույլատրվում է թմբուկով մտենլ, ես շարունակեցի մնալ անսահման կաթոլիկ և պատրաստ էի ավելի շուտ ընդհանրացնող համառոտ խոսակցական ճառ արտասանել նորին բարեկրոնություն Վինկեի ականջին, քան թե լսել կնունքի բողոքական քարոզը։ Մացերատը զիջեց՝ հնարավոր է, ավելի շատ զգուշանալով իմ ձայնից և դրա հետ անխուսափելիորեն կապված վնասի փոխհատուցումից։ Ահա թե ինչու ես, մինչ եկեղեցում տեղի էր ունենում կնունքի արարողությունը, նստած էի տաքսիի մեջ և զննում էի վարորդի ծոծրակը, ետին տեսանելիության հայելու մեջ ուսումնասիրում էի Օսկարի դիմագծերը, վերհիշում սեփական, արդեն շատ տարիներ առաջ տեղի ունեցած կնունքս և նորին սրբություն Վինկեի՝ մանուկ Օսկարի միջից սատանային դուրս վռնդելու բոլոր փորձերը։

Արարողությունից հետո նստեցին հյուրասիրության։ Իրար կպցրեցին երկու սեղաններ ու սկսեցին կրիայի ապուրից․ գդալը և ափսեի եզրը։ Գյուղացիները չմփչմփացնելով էին ուտում։ Գրեթխեն Շեֆլերը ապուրը կծում էր։ Հուստան գդալի վերևից լայն ժպտում էր։ Վինցենտը, դողալով, կուրորեն էր գտնում իր գդալը։ Եվ միայն պառավներն էին՝ Աննա տատիկս ու Տրուչինսկի մայրիկը, որ արժանի ուշադրություն էին դարձնում գդալներին, իսկ Օսկարը, եթե կարելի է այսպես արտահայտվել, դուրս ընկավ իր գդալի միջից։ Մինչ նրանք բոլորը գդալներով աշխատում էին, նա սեղանի մոտից վեր կացավ և ննջասենյակում գտավ իր որդու օրորոցը, քանի որ ցանկանում էր իր որդու վերաբերյալ խորհել, իսկ այդ ժամանակ մնացյալը իրենց գդալներով՝ ավելի ու ավելի մտազուրկ, ավելի ու ավելի դատարկված, ձանձրանում էին՝ չնայած գդալներով իրենց մեջ ապուր էին լցնում։

Անիվների վրա դրված գործված օրորոցի վերևում բաց երկնագույն շղարշե առագաստն էր։ Քանի որ գործված օրորոցը չափից դուրս բարձր էր, ես սկզբում կարողացա միայն մի ինչ֊որ մանուշակագույն֊կնճռոտված բան տեսնել։ Ես թմբուկը դրեցի ոտքերիս տակ, ինչից հետո կարողացա տեսնել իմ քնած ու քնի մեջ ջղաձգորեն ցնցվող որդուս։ Օ, դու հայրական հպարտություն, որը մշտապես բարձրակոչ խոսքեր է տենչում։ Սակայն քանի որ նորածնին տեսնելով իմ մտքին ոչինչ չեկավ ասելու, քան կարճ՝ «Երբ լրանա նրա երեք տարին, նա թմբուկ կստանա» արտահայտությունը, և քանի որ իմ որդին ոչ մի կերպ իր մտքերի ընթացքի վերաբերյալ ինձ տեղեկություն չէր տալիս, և քանի որ ես կարող էի միայն հուսալ, որն նա, իմ նման, պատկանում է խորաթափանց նորածինների թվին, ես ևս մեկ անգամ, կրկին ու կրկին, նրա երրորդ ծննդյան տարեդարձին թմբուկ խոստացա, ինչից հետո իջա իմ թմուկի վրայից, որպեսզի կրկին բախտս փորձեմ մեծահասակների ու հյուրերի շրջապատում։

Նրանք այնտեղ հենց նոր էին ապուրի հետ հաշվեհարդար տեսել։ Մարիան կարագի մեջ դրված կանաչ սիսեռ բերեց։ Իսկ Մացերատը, որը խոզի տապակայի պատասխանատուն էր, ինքն էր սպասքավորում ճաշատեսակը, նա հանել էր կոստյումը, և միայն վերնաշապիկով սկսեց շերտ շերտի ետևից կտրատել, և փափուկ ու հյութալի մսի վրա խոնարհված նրա դեմքը այն աստիճան շղթայազերծ քնքշացավ, որ ես ակամայից հայացքս մի կողմ թեքեցի։

Իսկ բանջարեղեն վաճառող Գրեֆին առանձնահատուկ էին մատուցում։ Նա բանկայով ծնեբեկ էր ստանում, պինդ եփած ձու և ծովաբողկով թթվասեր, քանի որ բուսակերները միս չեն ուտում։ Ինչպես և մնացած բոլորը, նա իր համար մի քիչ պյուրե վերցրեց, սակայն նրա վրա ոչ թե տապակայի կերակրահյութից լցրեց, այլ հալած յուղ, որը հոգատար Մարիան նրա համար շերեփով բերեց խոհանոցից։ Բոլորը գարեջուր էին խմում, այն դեպքում երբ Գրեֆի բաժակի մեջ մրգահյութ էր լցված։ Խոսակցությունը գնում էր Կիևի մատույցներում շրջապատման մասին, մատների վրա հաշվում էին գերիներին, մերձբալթիկացի Էլերսը հաշվարկներ անողներից ամենաճարպիկն էր։ Յուրաքանչյուր հարյուր հազարից հետո, երբ զույգ ձեռքերի՝ վեր տնկած մատները նշանակեն միլիոն, կրկին մեկը մյուսի ետևից՝ ծալի մատները, շարունակելով հաշիվը։

Երբ սպառվեց «ռուս ռազմագերիները» թեման, որը մեծացող թվերի պատճառով աստիճանաբար կորցրեց արժեքավորությունն ու հետաքրքրությունը, Շեֆլերը տեղեկացրեց Գոտենհաֆենի սուզանավերի մասին, իսկ Մացերատը իմ տատիկի ականջին շշնջաց, որ Շիխաուի նավաշինարանում ամեն շաբաթ հավաքակայաններից պետք է ջուրը իջեցվեն երկու սուզանավեր։ Դրան ի պատասխան, կանաչի վաճառող Գրեֆը բոլոր հյուրերին տեղեկացրեց, թե ինչու սուզանավերը հավաքակայաններից պետք է իջեցվեն ոչ թե նավակողով, այլ նավախելով։ Նա ցանկացավ դա որքան կարող է տեսանելի ներկայացնել ձեռքերի շարժումների մի ողջ հավաքածուի օգնությամբ, որոնք ձգտում էին ուշադիր և բնականորեն նմանվել սուզանավերով հիացած հյուրերը։ Վինցենտ Բրոնսկու ձախ ձեռքը որոշեց պատկերել ջրի տակ սուզվող նավը, նա այդ անելիս շուռ տվեց գարեջրով լի գավաթը։ Տատիկս ցանկանում էր նրան ոնց հարկն է անպատվել, սակայն Մարիան նրան հանգստացրեց՝ ասելով, որ դա մանրուք է, որ սփռոցը, միևնույն է, վաղը ուղարկելու է լվացման և որ կնունքի կապակցությամբ հյուրասիրությունների ժամանակ միշտ էլ լինում են բծեր․ չէ որ դա ինքնըստինքյան հասկանալի է։ Այս ժամանակ փալասով վրա հասավ Տրուչինսկի մայրիկը, սկսեց չորացնել ջրակույտը, իսկ ձախ ձեռքով նա բռնել էր շոկոլադե թխվածքով հաղճապակե սկահակը, թխվածքի վրա նուշի փշրանք էր ցանված։

Ախ, եթե միայն այդ պուդինգի հետ այլ եփահյութեր մատուցվեին կամ ընդհանրապես չմատուցվեին։ Սակայն մատուցվեցին վանիլինայինը։ Թանձր, կպչուն֊դեղին վանիլինային եփահյութը։ Պարզունակ, հասարակ, սակայն և այնպես, իր տեսակի մեջ միակ վանիլինայինը։ Աշխարհում ոչինչ չկա ավելի ուրախ և միաժամանակ ավելի տխուր, քան վանիլինային եփահյութը։ Վանիլը նուրբ բուրմունք էր արձակում, ինձ ավելի ու ավելի շատ շրջապատելով Մարիայով՝ այնպես, որ նրան՝ բոլոր և ամեն տեսակի վանիլինի հրահրողին, նրան, ով նստել էր Մացերատի կողքին և բռնել նրա ձեռքը, ես չէի կարող ո՛չ տենել, ո՛չ տանել։

Օսկարը բռնելով Գրեֆուհու շրջազգեստից, ցած սահեց իր մանկական աթռի վրայից, մնաց պառկած Գրեֆուհու ոտքերի մոտ, որը վերևում քրտնաջան աշխատում էր գդալով, և առաջին անգամ ընկալեցի Լինայից տարածվոց այն հոտը, որն անմիջապես բոլորից բարձր գոռաց, կլանեց, ոչնչացրեց բոլոր և ամեն տեսակի վանիլինայինը։

Չնայած հոտի՝ ինձ համար նոր այդ ուղղությունը թթվային էր, ես մնացի նրա մոտ մինչև, ինչպես ինձ թվաց, նա սպանեց վանիլինայինի հետ կապված բոլոր հիշողությունները։ Դանդաղ, լուռ, առանց կծկումների ինձ վրա բարձրացավ ազատարար սրտխառնոցը։ Եվ մինչ ինձնից դուրս էին գալիս կրիայի ապուրը, տապակած խոզի մսի կտորները, կանաչ սիսեռը՝ գրեթե անփոփոխ տեսքով, և այն մի քանի գդալ վանիլինային եփահյութով շոկոլադե թխվածքը, ես ըմբռնեցի իմ ուշաթափության իմաստը, լող տալով հեռացա իմ ուշաթափության մեջ, Օսկարի ուշաթափությունը Լինա Գրեֆի ոտքերի մոտ, և ես որոշեցի այժմվանից ու այսուհետև օրեցոր իմ ուշաթափությունը տանել ֆրաու Գրեֆի մոտ։


Յոթանասունհինգ կիլոգրամ

Վյազման ու Բրյանսկը, հետո ճանապարհները հեղեղվեցին, սկսվեց տիղմի ու ճանապարհազրկության եղանակը։ Ահա և Օսկարը քառասունմեկ թվի հոկտեմբերի կեսին սկսեց արագացված տեմպով խրվել ցեխի մեջ։ Խնդրում եմ ինձ խիստ չդատել այն բանի համար, որ ես Կենտրոն խմբի կեղտոտ հաջողությունները համեմատում եմ Լինա Գրեֆի անանցանելի և նույնպիսի տիղմոտ թավուտներում իմ հաջողությունների հետ։ Ճիշտ այնպես, ինչպես այնտեղ անմիջապես Մոսկվայի դիմաց էին տանկերն ու բեռնատարները խրվել ցեխի մեջ, խրվեցի և ես, ճիշտ է, այնտեղ դեռ անիվներն էին պտտվում՝ պայթեցնելով ցեխը, ճիշտ է ես էլ այստեղ չէի նահանջում, ինձ բառի բուն իմաստով հաջողվեց Գրեֆուհու ջրիկ ցեխը հարելով փրփրեցնել, սակայն ո՛չ Մոսկվայի տակ և ո՛չ էլ Գրեֆների ննջասենյակում տարածքային հաջողությունների մասին խոսք գնալ չէր կարող։

Ես դեռ ափսոսում էի հրաժարվել իմ համեմատությունից․ ինչպես ապագայի ռազմագետները, պետք է կարծել, որ դաս կքաղեն այն ռազմական գործողություններից, որոնք խրվել էին ցեխի մեջ, այնպես էլ ես գրեֆյան բնական երևույթների հանրագումարից արեցի որոշակի հետևություններ։ Այդ անելիս պետք չէ թերագնահատել վերջին համաշխարհային պատերազմի թիկունքային սխրագործությունները։ Օսկարն այն ժամանակ տասնյոթ տարեկան էր և, այդքան երիտասարդ տարիք ունենալով, նա, շնորհիվ Լինա Գրեֆի դավաճանորեն անտեսանելի հրաձգարանի, սովորեց դառնալ տղամարդ։ Հրաժարվելով ռազմական բնույթի համեմատություններից, ես մտադիր եմ հետագայում Օսկարի հաջողությունները չափել արվեստի ոլորտից վերցրած հասկացություններով և ասում եմ այսպես․ եթե Մարիան պարզունակ թմրեցնող վանիլինային մառախուղի մեջ ծանոթացրեց փոքրիկ ձևերի հետ, այնպիսի քնարական դրսևորումների հետ, ինչպիսին փրփրուն ըմպելիքի համար փոշին է կամ սունկերի որոնումը, ապա Գրեֆուհու խոցող թթվահոտ, բազմաշերտ գործված գոլորշիացումներով շրջապատված, ես ձեռք բերեցի այն լայն էպիկական շունչը, որն ինձ այսօր հնարավորություն է տալիս մեկ արտահայտության մեջ միավորել ռազմաճակատային և անկողնային հաջողությունները։ Երաժշտություն։ Սակայն մանկականի նման սենտիմենտալից, սակայն և այնպես, Մարիայի այդչափ քաղցրալի շրթնհարմոնը՝ ուղիղ գծով դեպի նվագավարի նոտակալի ետևը, քանզի Լինա Գրեֆը իմ տնօրինությանն էր հանձնել մի ողջ նվագախումբ, այնքան լայնորեն ու խորությամբ երկայնաշերտ կազմված, որ նմանը կարելի էր գտնել միայն Բայրոյթում կամ Զալցուրգում։ Այստեղ ես սովորեցի շեփորել, ակորդներ վերցնել, շվշվացնել, լարերի վրա մատներով նվագել, աղեղը լարերին քսել․ միևնույն է, խոսքը դեդեկաֆոնիայի մասին էր, նոր գուներանգության, թե՛ սկերցոյի ժամանակ նախերգանքի, թե՛ դանդաղ ընթացքի համար թափի ընտրության, իմ խանդավառությունը չոր ու զուսպ էր և միաժամանակ մեղմ քաղցրահունչ, Օսկարը Գրեֆուհուց դուրս էր բերում այն ամենը, ինչը հնարավոր էր դուրս բերել, և, չնայած չի կարելի ասել, որ բավարարված չէի, այնուամենայնիվ, ինչպես և վայել էր իսկական արվեստագետին, մնում էի դժգոհ։

Գաղութային ապրանքների մեր կրպակից մինչև Գրեֆների բանջարեղենի կրպակը հասնելու համար պետք էր քսան մանրաքայլ։ Կանաչեղենինը տեղակայված էր մերինից փոքր֊ինչ շեղությամբ, շատ հաջող, շատ ավելի հաջող, քան հացթուխ Ալեքսանդր Շեֆլերի՝ Քլյայնհամերվեգ փողոցի բնակարանը։ Չի բացառվում, որ հենց տեղակայման առավելությունն է բացատրում, թե ինչու ես կանացի անատոմիայի ուսումնասիրության մեջ որոշակիորեն ավելի առաջ գնացի, քան իմ ուսուցիչներ Գյոթեի ու Ռասպուտինի ուսումնասիրության բնագավառում։ Հնարավոր եմ համարում, որ այդ մինչ օրս էլ խոր բացված անհամապատասխանությունը կարելի է բացատրել և նույնիսկ արդարացնել իմ երկու ուսուչիչների՝ միմյանցից տարբեր լինելով։ Այն ժամանակ, երբ Լինա Գրեֆը ամենևին էլ չէր պատրաստվում ինձ սովորեցնել, այլ միայն պարզամտությամբ ու պասիվությամբ որպես ցուցադրական ճանաչողական նյութ իմ տնօրինությանն էր հանձնում իր բոլոր գանձերը, Գրեթխեն Շեֆլերը չափից դուրս լրջորեն էր վերաբերվում իր ուսուցչական առաքելությանը։ Նա կամենում էր տեսնել իմ հաջողությունները, կամենում էր, որպեսզի ես հստակ, բարձրաձայն կարդայի, կամենում էր տեսնել, թե ինչպես են իմ թմբկահարի մատները ճկունանում գեղագրության մեջ, կամենում էր ինձ ընկերացնել քնքուշ քերականության հետ և միաժամանակ շահաբաժին ստանալ այդ ընկերացումից։ Սակայն երբ պարզվեց, որ Օսկարը հրաժարվում է հաջողության շատ կամ քիչ ընկալելի ապացույցներ ներկայացնել, Գրեթխեն Շեֆլերը իմ խեղճ մայրիկի մահից քիչ անց կորցրեց ամեն տեսակի համբերությունը, և՛ որքան էլ դեսուդեն ընկավ, որքան էլ խորամանկեց՝ յոթ տարվա պարապմունքներից հետո վերադարձավ իր գործելուն, իսկ քանի որ նրա ամուսնությունը առաջվա պես մնում էր անզավակ, ճիշտ է, միայն հազվադեպ՛ առավելապես մեծ տոներին, ինձ ապահովում էր իր իր ձեռքերով պատրաստած պուլովերներով, երկար գուլպաներով և թաթմաններով։ Մենք նրա հետ այլևս Գյոթեի ու Ռասպուտինի մասին չէինք խոսում, այլ միայն երկու վարպետների աշխատությունների հատվածների, որոնք ես մինչ օրս պահում էի մեկ այստեղ, մեկ այնտեղ, իսկ առավել հաճախ մեր տան ձեղնահարկին էր Օսկարը պարտական այն բանի համար, որ ծայրահեղ դեպքում նրա պարապմունքնեերի այդ մասը ամբողջապես ապարդյուն չանցավ, ես ինքս էի ինձ կրթում և հանգում սեփական հետևություններիս։

Իսկ ահա հիվանդ Լինա Գրեֆը գամված էր անկողնում և չէր կարող խույս տալ ինձանից, չէր կարող ինձ լքել, քանզի չնայած որ նրա հիվանդությունը երկարատև էր, սակայն ոչ այն աստիճան լուրջ, որպեսզի նրա մահը կարողանար ժամանակից շուտ ինձնից խլել ուսուցչուի Լինային։ Սակայան քանի որ այս մոլորակի վրա անփոփոխ ոչինչ չկա, հենց Օսկարը լքեց անկողնուն գամված Լինային, երբ գտավ, որ պարապմունքների դասընթացն ավարտված է։

Դուք կարող եք ասել․ ինչպիսի փոքրիկ սահմանափակ աշխարհում իր կրթությունը ստացավ այս երիտասարդ մարդը։ Նա ստիպված էր հետագա տղամարդկային կյանքի համար հանդերձանքը հավաքել բանջարեղենի կրպակի և փռի միջև ընկած փոքր տարածքի վրա։ Եվ չնայած ես չեմ կարող ժխտել, որ իր առաջին և այդքան կարևոր տպավորությունները Օսկարը կուտակել էր բավականին նեխած, քաղքենիական միջավայրում, սակայն վերջ ի վերջո նա ուներ իր երրորդ ուսուցիչը։ Ահա հենց այդ ուսուցչի վրա էլ ընկավ Օսկարի առջև աշխարհի դարպասները բացելու խնդիրը․ նրան դարձնել այնպիսին, ինչպիսին նա կա այսօր, նրան դարձնել մի անհատ, որին ես առվել լավ բնորոշելու հնարավորության պակասի պատճառով կանվանեմ «աշխարհաքաղաքացի»։

Ինչպես ձեզանից առավել ուշադիրները հավանաբար արդեն նկատեցին, ես խոսում եմ իմ ուսուցիչ և խրատատու Բեբրայի մասին, որն ուղիղ գծով ծագել էր արքայազն Օյգենից, Լյուդովիկոս Տասնչորսերորդի շառավղի մասին, թզուկ և երաժշտական ծաղրածու Բեբրայի մասին։ Սակայն արտասանելով Բեբրա անունը՝ ես, իհարկե, նկատի ունեմ նաև նրա կողքի տիկնոջը, մեծ պայծառատես Ռոզվիտա Ռագունային, տարիք չունեցող գեղեցկուհուն, որին ես հաճախ էի հիշում այն մռայլ տարիներին, երբ Մացերատը ինձանից խլեց Մարիային։ Հետաքրքիր է, քանի՞ տարեկան էր այդ տիկինը՝ հարցնում էի ես ինձ։ Մեկ նա կարծես թթվող, քսանամյա կամ միանգամայն տասնինը տարեկան աղջիկ է, մեկ կարծես իննսունինը տարեկան ծեր կին, որը հարյուր տարեկանում էլ փոքրացված ձևի մեջ կներկայացնի հավերժական պատանեկության անխորտակելի կերպարը։

Եթե չեմ սխալվում, իմ սրտին այդչափ հոգեհարազատ այդ երկու անձանց ես հանդիպել եմ իմ խեղճ մայրիկի մահվանից հետո։ «Տարվա չորս եղանակները» սրճարանում մենք միասին մեկական գավաթ սուրճ խմեցինք, ինչից հետո մեր ճանապարհները բաժանվեցին։ Այդ հանդիպման ժամանակ մեր միջև հազիվ նշմարելի, չնայած ծանրակշիռ, քաղաքական բնույթի տարաձայնություններ ծագեցին․ պարզվեց, որ Բեբրան շատ նման է քարոզչական ռայսխնախարարին, ինչպես կարելի էր հետևություն անել նրա ակնարկներից, հանդես էր գալիս Գեբելսի ու Գյորինգի մասնավոր ցանկությունների տեսանկյունից և իրեն մատչելի բոլոր միջոցներով փորձում էր ուղղության նման փոփոխությունը իմ աչքերում բացատրել ու արդարացնել։ Մեկ նա խոսում էր միջնադարյան ժամանակների մի ինչ֊որ արքայական խեղկատակի շատ ազդեցիկ դիրքերի մասին՝ ցուցադրելով իսպանական վարպետների կտավներից արված վերարտադրությունները, որոնք պատկերում էին ինչ֊որ մի Ֆիլիպի կամ Կառլոսի՝ իրենց պալատական խեղկատակի հետ։ Ընդ որում, այդ խստաբարո ընկերակցության մեջ կարելի էր նկատել այնպիսի ժանեկազարդ վերնաշապիկներ ու շալվարներ հագած, զավեշտալի արտաքիններով պալատական խեղկատակների, որոնք ունեին Բեբրայի չափսերը կամ, հնարավոր է, Օսկարի՝ իմ չափսերը։ Հատկապես այն պատճառով, որ կտավները ինձ դուր էին գալիս՝ քանզի այսօր ես կարող եմ ինձ անվանել հանճարեղ վարպետ Դիեգո Վելասկեսի կրքոտ երկրպագուն՝ ես չէի ցանկանում գռեհկացնել Բեբրայի կյանքը։ Նա հենց կամաց֊կամաց էլ դադարեց իսպանացի թագավոր Ֆիլիպ IV֊ի արքունիքի թզուկների ճակատագրերը համեմատել ռայնյան դուրսպրծուկ Յոզեֆ Գեբելսի նահանգում իր վիճակի հետ։ Նա խոսք բացեց ծանր ժամանակների մասին, որոնք երբեմն պետք է գնան զիջողության, կատարվող գաղտնիքի դիմադրության մասին՝ կարճ ասած, հենց այդ ժամանակ հնչեց «ներքին վտարանդիություն» բառակապցությունը, իսկ հետո Օսկարի ու Բեբրայի ուղիները բաժանվեցին։

Չի կարելի ասել, որ ես իմ խրատատուի վրա զայրացա։ Բոլոր վերջին տարիներին բոլոր սյուների վրա փակցրած կրկեսների և վարիետեների գովազդների մեջ ես աչքերս պտտելով փնտրում էի նրա անունը։ Եվ իրականում էլ երկու անգամ այն հայտնաբերեցի տիկին Ռոզվիտայի հետ միասին, սակայն մատս մատիս չխփեցի, որպեսզի հանդիպեմ ընկերներիս հետ։

Կարճ ասած, ես հույսս դրեցի պատահական դիպվածի քմահաճույքի վրա, իսկ դիպվածը չէր գալիս, քանզի, եթե մեր՝ իմ ու Բեբրայի ճանապարհները խաչվեին արդեն քառասուներկուսի աշնանը, այլ ոչ թե մեկ տարի անց, Օսկարը ոչ մի դեպքում չէր դառնա Լինա Գրեֆի աշակերտը, այլ նա խրատատու Բեբրայի աշակերտը կդառնար։ Իսկ այսպես ես օր օրի, երբեմն արդեն վաղ առավոտյան, կտրում անցնում էի Լաբեսվեգը, մտնում բանջարեղենի կրպակի շեմից ներս, հանուն պատշաճության կես ժամի չափ մնում էի կրպակավարի կողքին։ Ես նայում էի, թե ինչպես է նա պատրաստում իր անսովոր, զնգացող, ոռնացող, ճչացող մեխանիզմները, քանի որ գնորդների՝ կրպակ մտնելու ժամանակ Գրեֆը հազիվ թե ընկալելիս լիներ իրեն շրջապատող աշխարհը։ Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել։ Ի՞նչն էր մի ժամանակ այդքան սրտաբաց, կատակելու համար միշտ պատրաստ այգեգործին ու երիտասարդության ընկերոջը այդչափ ինքնամփոփ դարձրել, ի՞նչն էր նրան նման միայնակութայն դատապարտել, ի՞նչն էր նրան տարօրինակ, անխնամ, ծերացող տղամարդ դարձրել։

Ասեմ իմանաք, որ երիտասարդությունը այլևս նրա մոտ չէր գալիս։ Այն, որ այժմ էր մեծանում, նրան չգիտեր։ Սկաուտյան ժամանակների նախկին երիտասարդությանը պատերազմը ցիր ու ցան էր արել ռազմաճակատներով մեկ։ Դաշտային փոստը նամակներ էր հասցնում, հետո միայն բացիկներ, իսկ մի անգամ Գրեֆը զարտուղի ճանապարհներով տեղեկություն ստացավ, որ նրա սիրած սան Հարսթ Դոնատը, որը ժամանակին սկաուտ էր, ավելի ուշ ֆենլյայնֆյուրեր, ընկավ Դոնեցկ գետի մոտ՝ արդեն որպես լեյտենանտ։

Հենց այդ օրվանից էլ Գրեֆը, այլևս իր արտաքինի հանդեպ ուշադրություն չդարձնելով, սկսեց ծերանալ, գլխովի խորացավ իր իքնաշենների մեջ, այնպես որ նրա բանջարեղենի կրպակում այժմ ավելի շատ զնգացող մեքենաներ և ոռնացող սարքեր կային, քան կարտոֆիլներ ու կաղամբներ։ Պետք է նաև ասել, որ իրենց դերը խաղացին նաև մատակարարման հետ կապված խնդիրները, որովհետև հազվադեպ և ոչ պարբերաբար էին ապրանքները կրպակ հասցվում, իսկ Գրեֆը Մացերատի նման չէր կարողանում, հին կապերը գործի դնելով, մեծածախ շուկայում լավ հաճախորդ ճանաչվել։

Մի խոսքով կրպակը շատ անշուք տեսք ուներ, և պետք էր միայն ուրախանալ, որ Գրեֆի անօգուտ ձայնային ինքնաշենները գոնե մի ինչ֊որ կերպ, չնայած անհեթեթ, սակայն դրա փոխարեն գեղարվեստորեն, զարդարում ու լցնում էին այն։ Անձամբ ինձ դուր էին գալիս նրա ավելի ու ավելի հողմապտույտ տվող գիտակցության արգասիքները։ Երբ ես այսօր նայում եմ իմ հիվանդապահ Բրունոյի ձեռքից դուրս եկած մակրամեին, ակամայից վերհիշում եմ Գրեֆի ցուցահանդեսը։ Ճիշտ նույն ձևով, ինչպես Բեբրան է ուրախանում իր գեղարվեստական զբաղմունքների հանդեպ իմ հոգեկան, սակայն միևնույն ժամանակ լուրջ հետաքրքրության համար, այդպես էլ Գրեֆն էր ուրախանում, երբ տեսնում էր, որ ինձ հաճույք է պատճառում իր այս կամ այն երաժշտական ինքնաշենը։ Նա, ով տարիներ շարունակ բացարձակապես ուշադրություն չէր դարձրել իմ վրա, այժմ հիասթափված էր մնում, երբ կես ժամ անց ես լքում էի արհեստանոցի վերածված կրպակը, որպեսզի այցելեի նրա կնոջը՝ Լինային։

Դե իսկ այցելությունների մասին, որոնք մեծ մասամբ երկուսից երկուսուկես ժամ էին տևում, առանձնապես պատմելու բան էլ չկա։ Երբ Օսկարը մտնում էր ներս, Լինան նրան մոտ էր կանչում մահճակալին․

― Ախ, փոքրիկ Օսկար, այդ դո՞ւ ես։ Եկ այստեղ՝ ավելի մոտ, եթե ուզում ես, բարձրացիր֊մտիր, սենյակում շատ ցուրտ է, իսկ Գրեֆը մի քիչ է տաքացրել՝ վառարանը վառելով։

Եվ ես ընկղմվում էի նրա կողքին, փետրաներքնակի տակ, թմբուկը և այն երկու փայտիկները, որոնք քիչ առաջ օգտագործում էի, թոնում էի մահճակալի դիմաց, իսկ ինձ հետ մահճակալ էի վերցնում, որպեսզի ինձ հետ մեկտեղ այցի գա Լինային, միայն երրորդ, արդեն մաշված և փոքր֊ինչ ջլոտ փայտիկը։

Ընդ որում՝ մինչև անկողին մտնելը ես նույնիսկ չէի հանվում, ոչ, ես անկողին էի մտնում բրդով, թավշով ու կաշվե ոտնամաններով և բավականաչափ ժամանակ անց, չնայած իմ կողմից կատարված հոգնեցուցիչ և խանդավառ աշխատանքին, դես ու դեն թափված փետուրների տակից դուրս էի գալիս այն նույն գրեթե չճմռթված հագուստներով։

Այն բանից հետո, երբ լքելով Լինայի անկողինը, ես մի քանի անգամ, չնայած ոչ երկար, Գրեֆին տհաճություն էի պատճառում նրա կնոջ հոտով, մեզ մոտ հաստատվել էր ավանդույթ, որը ես մեծագույն հաճույքով էի պահպանում։ Դեռ այն ժամանակ, երբ պառկած էի Գրեֆուհու մոտ անկողնում և ավարտում էի իմ մարմնավարժությունները, տաք ջրով ննջասենյակ էր մտնում բանջարեղեն վաճառողը, թասը դնում էր աթոռակի վրա։ Կողքին դնում էր օճառն ու սրբիչը, իսկ հետո լուռ լքում էր սենյակը՝ մահճակալին չարժանացնելով իր գեթ մեկ հայացքին։

Որպես կանոն, շուտավ Օսկարը մերժում էր իրեն առաջարկված փետուրե տաքությունից, շտապում էր դեպի թասը, որտեղ թե՛ իրեն և թե՛ անկողնում այդքան ակտիվ թմբուկի փայտիկին հիմնավոր մաքրման էր ենթարկում։ Ես լիովին կարող էի հասկանալ, որ Գրեֆի համար անտանելի էր իր կնոջ հոտը, եթե նույնիսկ այն երկրորդ ձեռքից էր ստանում, իսկ նոր լվաված տեսքով ես լիովին տանելի էի մեր վարպետի համար։ Նա ինձ ցույց էր տալիս իր բոլոր մեքենաները և այդ մեքենաների տարբեր գույները, այնպես, որ մինչ օրս էլ չեմ դադարում զարմանալ, թե ինչու Օսկարի ու Գրեֆի միջև չնայած այդ ուշ ծագած վստահավատ հարաբերություններին, ընկերություն չստեղծվեց։ Ինչու Գրեֆը ինձ համար մնաց օտար, ինչու իմ մեջ հետաքրքրություն արթնացնելով, նա այնուամենայնիվ իմ մեջ համակարանք չէր առաջացնում։

Քառասուներկուսի սեպտեմբերին, երբ ես հենց նոր առանց հարայհրոցի նշել էի իմ ծննդյան տասնութերորդ տարեդարձը, իսկ ռադիոյով վեցերորդ բանակը զբաղեցրել էր Ստալինգրադը, Գրեֆը թմբուկի համար մեքենա կառուցեց։ Փայտե շրջանակից նա երկու կարտոֆիլների օգնությամբ հավասարակշռված նժարներ էր կախել։ Հետո ձախ նժարի միջից մեկ կարտոֆիլ էր վերցնում, կշեռքը շարժման մեջ էր մտնում, և բացում էր փականով սարքը, որն իր հերթին ազատում էր շրջանակին ամրացված թմբուկային սարքավորումը, սարքավորումը սկսում էր պտտվել, ճարճատում էր, որոտում, կրճտացնում, նժարները հարվածում էին իրար, թնդյունով դռդռում էր կոչնազանգը, և այդ ամենը մոտենում էր ավարտական դղրդացող, ողբերգայնորեն աններդաշնակ եզրափակիչ մասին։

Ինձ շատ դուր եկավ նոր մեքենան, ես կրկին ու կրկին Գրեֆին ստիպում էի այն միացնել։ Հո իզուր չէր Օսկարը մտածում, որ հմուտ բանջարավաճառը մեքենան հայտնագործել ու կառուցել է հատկապես իր համար։ Սակայն ես իմ սխալը չափից դուրս շուտ գիտակցեցի։ Չի բացառվում, որ հենց ես Գրեֆին դրդեցի մեքենան պատրաստել, սակայն, այնուամենայնիվ, նա այն պատրաստել էր իր համար, քանզի դրա վերջը նշանավորեց նաև նրա վերջը։

Վաղ և հաճելի հոկտեմբերյան առավոտ էր, ինչպիսին կարող է բերել միայն հյուսիսարևելյան քամին։ Ես շուտ լքեցի Տրուչինսկի մայրիկի բնակարանը և դուրս եկա փողոց, ճիշտ այն ժամանակ, երբ Մացերատը բարձրացնում էր կրպակի դռան առջևի մետաղյա ծածկը։ Ես կանգնեցի նրա կողքին, երբ նրա՝ կապանքից արձակած կանաչ գույնով ներկված շերտաձողերը թխկթխկոցով թռան դեպի վեր, ես պարգևատրվեցի գաղութային հոտերի ամպով, որոնք գիշերվա ընթացքում կուտակվել էին կրպակի ներսում, որից հետո ստացա Մացերատի առավոտյան համբույրը։ Նախքան Մացերատի հայտնվելը ես կտրեցի֊անցա Լաբեսվեգը՝ սալարկուղու վրա արևմուտքի ուղղությամբ նետելով երկար ստվեր, քանզի աջից՝ արևելքում, Մաքս֊Հալդե֊պլացի վերևում, սեփական ուժերով իրեն վերև էր քարշ տալիս արևը՝ այդ անելիս օգտագործելով այն նույն վարարկը, որը պետք է կարծել, իր ժամանակին օգտագործել է բարոն Մյունխաուզենը, երբ մազերից բռնած իրեն դուրս է հանել ճահճից։

Նա, որ ինձ նման ճանաչում էր բանջարեղեն վաճառող Գրեֆին, ճիշտ նույն կերպ կզարմանար՝ տեսնելով, որ այդ ժամին նրա կրպակի ցուցափեղկերն ու դռները դեռ ծածկված են ու փակ։ Ճիշտ է, վերջին տարիները Գրեֆին կամաց֊կամաց դարձրին տարօրինակ, սակայն աշխատանքի պաշտոնական ժամերը մինչ այդ ճշտորեն էր պահպանում։ Միգուցե նա մոռացել է, մտածեց Օսկարը, սակայն անմիջապես էլ այդ միտքը վանեց։ Քանզի ինչպես կարող էր Գրեֆը, որը դեռ անցյալ ձմռանը, չնայած ոչ այնքան կանոնավոր, ինչպես նախորդ տարիներին, համենայն դեպս սառույցի մեջ անցքեր էր բացում և ծովային լոգանք ընդունում, ինչպես կարող էր այդ բնության որդին, չնայած ծերանալու որոշ նշաններին, մեկ գիշերվա մեջ հիվանդանալ։ Ուզածի չափ պառկած մնալու իրավունքը օգտագործում էր նրա կինը, բացի այդ ես գիտեի, որ Գրեֆը ընդհանրապես արհարահում է փափուկ անկողինները և նախընտրում է քնել արշավային ծալովի մահճակալների կամ կոշտ նառերի վրա։ Եվ հետո աշխարհում ընդհանրապես չկար ու չէր կարող լինել մի հիվանդություն, որը ունակ լիներ բանջարեղեն վաճառողին գամել անկողնուն։

Ես կանգնեցի Գրեֆի փակ կրպակի առջև, շրջվելով նայեցի մերին, նկատեցի, որ Մացերատը այնտեղ՝ ներսում է և դրանից հետո միայն զգուշությամբ մի քանի տակտ թմբկահարեցի՝ հույսս դնելով Գրեֆուհու սուր լսողության վրա։ Անհրաժեշտություն չկար մեծ աղմուկ բարձրացնել, և ահա արդեն դռնից աջ կողմի երկրորդ պատուհանը բացվեց։Գրեֆուհին գիշերային վերնաշապիկով էր, ողջ գլուխը խոպոպաթղթով պատած, բարձր կրծքին սեղմած՝ հայտնվեց ծաղկի արկղի վերևում։

― Դե, ներս արի Օսկար։ Ինչի ես սպասում, երբ փողոցում այդպիսի սառնամանիք է։

Բացատրությունների փոխարեն ես թմբուկի փայտիկով հարվածեցի ցուցափեղկը փակող թիթեղյա ծածկոցափեղկին։

― Ալբրեխտ, ― գոռաց նա, ― Ալբրեխտ, որտե՞ղ ես։ Ի՞նչ է քեզ պատահել։

Չդադարելով կանչել իր ամուսնուն, նա լքեց պատուհանի որմնախորշը, շրխկացրեց դռները, ես լսեցի, թե ինչպես է նա կրպակի ներսում դղրդացնում, և դրանից անմիջապես հետո նա սկսեց անընդհատ գոռալ։ Նա գոռում էր նկուղում, սակայն ես իմ տեղից չէի կարող տեսնել, թե ինչու է նա գոռում, քանի որ նկուղի մտոցը, ուր ապրանք բերելու օրերին, վերջին պատերազմական տարիներին ավելի ու ավելի հազվադեպ, լցնում էին կարտոֆիլը, նույնպես փակ էր։ Աչքով սեղմվելով ձյութով ներծծված մտոցի շուրջը պատող գերաններին՝ ես տեսա, որ նկուղում վառվում է լույսը։ Մեկ էլ տեսա աստիճանի մի կտորը, որը տանում էր դեպի նկուղ, և այնտեղ մի ինչ֊որ սպիտակ բան էր պառկած, որը ոչ այլ ինչ է, քան Գրեֆուհու բարձը, կռահեցի ես։

Հավանաբար, աստիճանների վրա էր նա բարձը գցել, քանի որ անձամբ նկուղում չէր, իսկ նրա գոռոցը արդեն կրպակից էր գալիս և քիչ անց՝ ննջասենյակից։ Նա վերցրել էր հեռախոսափողը, նա գոռում էր և համար էր հավաքում, հետո գոռում էր խոսափողի մեջ, սակայն Օսկարը չհասկացավ, թե ինչի մասին է նա գոռում, նա կարողացավ որսալ միայն «դժբախտություն» բառը, հասցեն՝ Լաբեսվեգ, քսանչորս։ Նա մի քանի անգամ գոռաց, հետո խոսափողը վայր դրեց, չդադարելով գոռոցը, այդ նույն գիշերային վերնաշապիկով, առանց բարձի, սակայն խոպոպաթղթերով լցրեց պատուհանի որմնախորշը, իրեն և իր բոլոր՝ ինձ այդքան ծանոթ, հարստությունները թափելով ծաղկի արկղի վրա, երկու ձեռքերով շրխկացրեց մսոտ, սփրտնած֊կարմիր ցողուններին և արկղի վերևով գոռաց այնպես, որ փողոցը դարձավ նեղ։ Օսկարը մտածեց․ հենց հիմա նա ևս կսկսի ձայնով ապակի կտրել, սակայն բոլոր պատուհանները մնացին անվնաս։ Նրանք ուղղակի բացվեցին, և հարևանները սկսեցին մոտենալ կրպակին, կանայք բարձրաձայն հարց ու փորձ էին անում միմյանց, տղամարդիկ շտապում էին, ժամագործ Լաուբշադը, որը միայն կիսով չափ էր հասցրել ձեռքերը կոստյումի թևքերի մեջ մտցնել, ծերունի Հայլանդը, պարոն Ռայբերգը, դերձակ Լիբիշևսկին, պարոն Էշը մոտակա մուտքից և նույնիսկ Պրոբստը հայտնվեց իր տղայի հետ։

Ուղիղ վաճառասեղանի ետևից սլանալով եկավ սպիտակ խալաթով Մացերատը այն ժամանակ, երբ Մարիան, փոքրիկ Կուրտը ձեռքին, մնաց մեր կրպակի դռների մեջ կանգնած։

Ինձ համար դժվար չէր մեծահասկաների ամբոխի մեջ խառնվելը, որպեսզի այդպիսով չընկնեմ ինձ փնտրող Մացերատի ձեռքը։ Նա և ժամագործ Լաուբշադը առաջիններն էին, որ համարձակվեցին մոտենալ դռանը։ Մարդիկ փորձում էին պատուհանի միջով մտնել բնակարան։ Սակայն Գրեֆուհին ոչ մեկին թույլ չէր տալիս վեր բարձրանալ, էլ չասենք այն մասին, որ մտներ ներս։ Ճանկռոտելով, կծելով և աջ ու ձախ հարվածներ հասցնելով՝ նա նաև ժամանակ էր գտնում, որպեսզի ավելի բարձր գոռա և մասամբ նույնիսկ՝ լիովին հոդաբաշխ։ Սկզբում պետք է ժամանի «շտապ օգնությունը», նա արդեն վաղուց է այնտեղ զանգել, այլևս զանգ տալ պետք չէ, չէ՞ որ ինքը գիտի, թե ինչպես է պետք նման դեպքում վարվել։ Իսկ նրանք բոլորը թող զբաղվեն իրենց սեփական գործերով։ Դա առանց այն էլ խայտառակություն է, միանգամից երևում է, թե ուր են կորչում ընկերները, երբ գալիս է դժբախտությունը։ Սակայն մեղադրանքներ տալիս նա, ինչպես երևում է, իր պատուհանի տակ հավաքվածների մեջ նկատեց ինձ, քանզի ինձ ձայն տվեց և պատուհանագոգից մի կողմ հրելով տղամարդկանց, իր մերկ ձեռքը մեկնեց ինձ։ Եվ ինչ֊որ մեկը, Օսկարը մինչ օրս էլ համոզված է, որ դա ժամագործ Լաուբշադն էր, ինձ վեր բարձրացրեց, ցանկացավ Մացերատի կամքին հակառակ, փոխանցել նրան, սակայն հենց ծաղիկների արկղի դիմաց Մարիան քիչ էր մնում նրա ձեռքից խլել Օսկարին, իսկ այստեղ նրանից կառչեց Լինա Գրեֆը, սեղմեց իր տաք վերնաշապկին և դադարեց գոռալ, միայն նվնվալով լաց էր լինում և նույն ձևով նվնվալով հոգոց էր քաշում։

Ինչպես ֆրաու Գրեֆի ոռնոցները հարևաններին դրդեցին վերածվել գրգռված, անամոթաբար ձեռքերը թափահարող ամբոխի, այնպես էլ նրա բարակ նվնվոցը նրանց վերածեց լռակյաց ամբոխի, որը շփոթված քստքստացնում էր ոտքերը՝ գրեթե չկարողանալով նայել հեծկլտացողների դեմքերին և իր բոլոր հույսերը, ողջ հետաքրքրասիրությունը, ողջ մասնակցությունը դրել էր սպասվող «շտապ օգնության» մեքենայի վրա։ Ահա Օսկարին ևս հաճելի չէր Գրեֆուհու նվնվոցը։ Ես փորձեցի իջնել ներքև, որպեսզի այդքան մոտ տարածությունից չլսեի նրա ողբալի հեծկլտոցը։ Ինձ հաջողվեց նրանից պոկվել և կիսանստել ծաղիկների արկղի վրա։ Սակայն Օսկարը չափից դուրս խորն էր գիտակցում, որ իրեն հետևում են, որովհետև մեր կրպակի դռների մեջ երեխան ձեռքին կանգնած էր Մարիան։ Այդ ժամանակ ես հրաժարվեցի նաև նստելուց, հասկացա իմ դիրքի ողջ անհեթեթությունը, և այդ ընթացքում մտածում էի միայն Մարիայի մասին՝ հարևանները ինձ չէին հետաքրքրում՝ ետ հրվեցի գրեֆյան ափից, որն, ըստ իս, չափից դուրս շատ էր ցնցվում և մահճակալ էր խորհրդանշում։

Լինա Գրեֆը իմ փախուստը չնկատեց, քանզի իր մեջ ուժ չգտավ, որպեսզի իր մոտ պահի փոքրիկ մարմինը, որը ջանասիրաբար եկար ժամանակ որպես փոխարինող էր ծառայել։ Միգուցե նա աղոտ զգում էր, որ Օսկարը հավերժ հեռանում է իրենից, որ իր գոռոցից աշխարհում ծնվեց մի ձայն, որը մի կողմից նրա՝ անկողնուն գամվածի, և թմբկահարի միջև վեր խոյացրեց իր և Մարիայի միջև արդեն գոյություն ունեղող պատը։

Ես կանգնած էի գրեֆյան ննջասենյակի մեջտեղում։ Թմբուկը ինձ վրա թեք և անվստահ էր կախված։ Օսկարը այդ սենյակը գիտեր, նա կարող էր վառ կանաչ պաստառները անգիր արտասանել թե՛ երկարությամբ և թե՛ լայնությամբ։ Աթոռակի վրա դեռ մնացել էր լվացման համար թասը՝ երեկվանից մնացած մոխրագույն օճառե փրփուրով։ Բոլոր իրերը մնացել էին իրենց նախկին տեղում, սակայն բռնելուց աղտոտված, նստելուց մաշված, պառկած մնացած, քերծված կահավորանքի առարկաները ինձ թարմ էին թվում կամ ամենաքիչը թարմացված, կարծես այն ամենը, ինչը չորս փոքրիկ սյուների կամ ոտքերի վրա անշարժ ծեփվել էր պատերին, սպասում էր միայն, թե երբ Լինա Գրեֆը սկզբում գոռոց կարձակի, հետո բարձր ձայնով կվնգստա, որպեսզի նոր, վախենալու աստիճան սառը փայլ ձեռք բերի։

Կրպակ տանող դուռը կրնկի վրա բաց էր։ Օսկարը, ճիշտ է, չէր ուզում, սակայն այնուամենայնիվ թույլ տվեց իրեն հրապուրել դեպի չոր հողի և սոխի հոտ արձակող կառույցը, որը մասերի էր կտրատում պատուհանի փակ փեղկերի ճեղքերից ներս թափանցող ցերեկային լույսի մեջ պար եկող փոշեհատիկների օգնությամբ։ Այդ իսկ պատճառով Գրեֆի աղմկող և երաժշտական ինքնաշենների մեծ մասը մնացել էր կիսախավարի մեջ, և միայն մի քանի տարրերի՝ զանգակի, նրբատախտակի պահանգի թմբուկային մեքենայի հիմքի վրա էր լույսն ընկնում՝ ինձ ցուցադրելով հավասարակշռության մեջ քարացած կարտոֆիլները։ Ետ բացվող դուռը, որը, ճիշտ ինչպես մեզ մոտ, վաճառասեղանի ետևում փակում էր նկուղ տանող մուտքը, բաց էր, ոչինչ չէր պահում տախտակե կափարիչը, որը հավանաբար իր ոռնացող շտապողականության մեջ Գրեֆուհին էր բացել, նա միայն սողնակը չէր մտցրել վաճառասեղանի կանթի մեջ։ Օսկարը թեթև հրումով կարող էր ցած իջեցնել կափարիչը և դրանով նկուղը փակել։

Ես անշարժ կանգնել էի տախտակների այն կողմը, որոնք փոշու ու բորբոսի հոտ էին արձակում՝ աչքերս հառելով կտրուկ լույսով լուսավորված քառանկյունուն, որը երիզապատել էր աստիճանների և բետոնապատ հատակի մի մասը։ Վերևից ու աջից այդ քառանկյունու մեջ էր աստիճանաբար ներխուժում տախտակամածը, որը հավանաբար Գրեֆի նոր ձեռքբերումն էր, քանզի նկուղ կատարած իմ նախկին պատահական այցելությունների ժամանակ ես նման կառույց ոչ մի անգամ չէի տեսել։ Սակայն գեթ մեկ տախտակամածը հազիվ թե արժենար նրան, որ Օսկարը այդքան երկար ժամանակ և այդպես անշարժ իր հայացքը մխրճեր նկուղի ընդերքի մեջ, եթե միայն կտավի վերին աջ անկյունից առաջ չգային երկու ներսից լցված ու տարօրինակ ձևով կարճացած սև քուղապնդված կոշիկների միջի բրդե գուլպաները։ Ես անմիջապես ճանաչեցի Գրեֆի արշավային կոշիկները՝ չնայած չէի կարող տեսնել կոշկատակերը։ Հնարավոր չէ, որպեսզի այնտեղ՝ նկուղում, կանգնած լինի արշավի պատրաստ Գրեֆը, մտածեցի ես, քանզի նրա կոշիկները ամենևին էլ կանգնած չեն, քանի որ նրանք ազատ սավառնում են տախտակամածի վերևում, և միայն դեպի ներքև ուղղահայաց իջած կոշիկների քթերին է թերևս հաջողվում, թեև դժվարությամբ, դիպչել տախտակներին։ Այսպիսով, մեկ վայկյանի ընթացքում ես ինձ պատկերացնում էի ոտքերի ծայրին կանգնած Գրեֆին, քանզի նման սպորտային, բնության հետ մոտիկ մարդուց լիովին կարելի էր սպասել, որ նա կարող է այդ թեև կոմիկական, սակայն շատ ու շատ դժվարին վարժությունը կատարել։

Որպեսզի իմ ենթադրության արդարացիության մեջ համոզվեմ և այնուհետև բանջարեղեն վաճառողի վրա կուշտ ծիծաղեմ, ես, զառիթափ աստիճանների վրա ծայրահեղ զգուշություն ցուցաբերելով, աստիճաններով իջա ներքև և, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, իմ թմբուկի վրա մի ինչ֊որ սարսափեցնող և վախը վանող բան թմբկահարեցի․ «Որտեղ է մեր խոհարարուհին, սև խոհարարուհին։ Նա այստեղ, այստեղ նա պիտի լինի, պիտի լինի»։

Եվ միայն արդեն երկու ոտքերով բետոնապատ հատակի վրա կանգնած՝ Օսկարը նախ հայացքով քչփորեց շուրջբոլորը․ դատարկ սոխի պարկերի կապոցները, որոնք դարսված էին իրար վրա, մրգերի նույնպես դատարկ արկղեր, մինչև որ, նախկինում չտեսած խաշված գերանների վրայով հայացքը սահեցնելով, մոտեցավ այն տեղին, որտեղ կախված էին կամ ոտքերի ծայրերի վրա կանգնած էին Գրեֆի արշավային կոշիկները։

Դե, իհարկե, ես հասկացա, որ Գրեֆը կախված է։ Կախված էին կոշիկները, կոշիկների ներսում կախված էին մուգ կանաչ գույնի կոշտ գործվածքի գուլպաները, գուլպաների եզրերից վերև՝ տղամարդու մերկ ծնկները, մազոտ ազդրերը՝ մինչև շալվարի եզրը։ Այդ պահին իմ պատճառական տեղից սկսած, հետույքիս մաշկով վեր, դեպի անզգայացած թիկունքս, ողնաշարովս դեպի վեր փշոտ մրջյուններ վազեցին։ Նրանք շարունակվեցին պարանոցիս մեջ՝ ինձ փոխեփոխ գցելով տաքության ու սառնության գիրկը, այդտեղից կրկին նետվեցին ներքև, հարվածեցին ոտքերիս արանքին, ստիպեցին, որ առանց այն էլ փոքրիկ տոպրակս կնճռոտվի, կրկին փոքր֊ինչ խոնարհված թիկունքիս վրայով թռան֊անցան դեպի պարանոցս, հայտնվեցին պարանոցիս մեջ։ Մինչ օրս էլ, երբ ինչ֊որ տեղ նրա ներկայությամբ խոսում են կախաղան բարձրացնելու կամ թեկուզ ուղղակի սպիտակեղենը կախելու մասին, Օսկարը ծակոց և խեղդոց է զգում։ Կախվել էին ոչ միայն Գրեֆի արշավային կոշիկները, բրդյա գուլպաները, ծնկներն ու կարճ շալվարը, կախվել էր ողջ Գրեֆը, կախվել էր պարանոցի մասից և պարանոցից վեր ցուցադրում էր իր լարված դեմքը, որը, սակայն, զուրկ չէր թատերականությունից։

Գրեֆի վրա նայելուց հետո զարմանալիորեն արագ անհետացան ծակծկոցներն ու փշաղաղվածությունը։ Եվ նորմալացավ նաև հենց Գրեֆի դիրքը։ Չէ՞ որ եթե խորհենք, կախված մարդու դիրքը նույնչափ բնական է ու նորմալ, ինչպես օրինակ այն մարդու դիրքը, որը քայլում է ձեռքերի վրա, մարդու, որը կանգնած է գլխիվայր, մարդու, որն իսկապես էլ խղճուկ տեսք ունի, երբ դժվարությամբ մագլցում է չորքոտանի հովատակի վրա, որպեսզի սրընթաց արշավի։

Դրան գումարվեց նաև բեմադրությունը։ Օսկարը միայն այժմ հասկացավ, թե ինչ շքեղությամբ էր իրեն շրջապատել Գրեֆը։ Շրջանակը, այսինքն՝ շուրջբոլորը, որի մեջ Գրեֆը կախված էր, նրբաճաշակ, ես նույնիսկ կասեի՝ արտասովոր տեսք ուներ։ Բանջարեղեն վաճառողը փնտրել և մահանալու իրեն սազական ձև էր գտել, կանխամտածված և նրբաճաշակ մահ էր գտել։ Նա, ով կենդանության օրոք չափերի ու կշիռների պալատի ծառայողների հետ այդքան բախումներ էր ունեցել և նրանց հետ ծանրագույն նամակագրություն էր վարել, նա, ում մոտից բազմիցս առգրավվել էին կշեռքն ու կշռաքարերը, նա, ով մրգերն ու բանջարեղենը կշռելիս անճշտություններ թույլ տալու պատճառով ստիպված էր լինում տուգանքներ վճարել, այժմ մի գրամի ճշտությամբ հավասարակշռել էր իրեն կարտոֆիլի օգնությամբ։

Աղոտ փայլող, հնարավոր է որ օճառված պարանը անցնում էր երկու գերանների միջով, որոնք՝ հանուն այս վերջին օրվա, նա հատուկ էր մեխել հիմնակմախքի վրայով։ Այն ստեղծված էր միակ նպատակով՝ Գրեֆի վերջին հիմնակմախքը դառնալու համար։ Թանկարժեք տեսակի շինարարական փայտի օգնությունը հաշվի առնելով՝ ես կարող էի հետևություն անել, որ բանջարեղեն վաճառողը չէր կամեցել խնայողություն անել։ Հավանաբար նրա համար հեշտ չի եղել շինանյութերի աղքատ այս պատերազմական ժամանակներում անհրաժեշտ գերաններն ու տախտակները գտնելը։ Ամենայն հավանականությամբ, նա դրանք փոխանակել է՝ փայտ մրգի դիմաց։ Ահա ինչու այդ հիմնակմախքը բազմաթիվ, ոչ այնքան անհրաժեշտ, հաճախ գեղարվեստական տարրեր ուներ։ Երեք մասերից բաղկացած աստիճաններով գնացող տախտակամածը, նրա անկյունը Օսկարը կարող էր արդեն կրպակից նշմարել, ողջ կառույցը բարձրացնում էր գրեթե վեհի ոլորտը։

Ինչպես և թմբուկի մեքենայի մեջ, որը մեր վարպետի համար ակնհայտորեն որպես նմուշ էր ծառայել, Գրեֆը և նրա հակակշիռը կախված էին հիմնակմախքի սահմաններում։ Չորս անկյունային սպիտակեցված գերաններից կտրուկ տարբերվելով՝ նրա և ճիշտ նույն ձևով կախված երկրային պտուղների միջև կանգնած էր մի նրբաճաշակ, կանաչ գույնի փոքրիկ սանդուխք։ Իսկ կարտոֆիլով լցված զամբյուղները նրա արհեստական հանգույցի օգնությամբ, ինչպես դա սկաուտները կարող էին հյուսել, ամրացրել էր հիմնական պարանին։ Քանի որ հիմնակմախքը ներսի կողմից լուսավորված էր չորս, ճիշտ է վրայից սպիտակ գույնով ներկված, սակայն այնուհանդերձ պայծառ ճառագայթող լամպերով, Օսկարը, առանց հանդիսավոր տախտակամածի վրա բարձրանալու և, հետևաբար, այն չպղծելով, կարող էր ընթերցել սպիտակ ցուցանակը, որը հենց կարտոֆիլով լի զամբյուղների վերևում մետաղալարով ամրացված էր սկաուտային հանգույցին․ «Յոթանասունհինգ կիլոգրամ (առանց հարյուր գրամի)»։

Գրեֆը կախված էր սկաուտների առաջնորդի համազգեստով։ Իր վերջին օրը նա կրկին վերադարձել էր նախապատերազմյան ժամանակների հագուստին։ Այն նրա համար փոքր֊ինչ նեղ էր դարձել։

Վերևի երկու կոճակները և այն մեկը, որը գոտու վրա էր, նա այդպես էլ չէր կարողացել կոճկել, դա նրա մշտապես կոկիկ տեսքի մեջ մի ինչ֊որ տհաճ երանգ էր ներմուծում։ Գրեֆը ձախ ձեռքի երկու մատները սկաուտների սովորույթով խաչել էր։ Կախվածը կախվելուց առաջ իր աջ դաստակին կապել էր սկաուտական գլխարկը։ Նա ստիպված էր եղել փողկապից հրաժարվել։ Քանի որ նա, նույն կերպ ինչպես գոտու վրա, չէր կարողացել կոճկել վերնաշապիկի վերևի կոճակները, նրանից դուրս էին պրծել կրծքի վրա աճած սև խուճուճ մազերը։

Տախտակամածի աստիճանների վրա ընկած էին մի քանի աստղածաղիկներ և, այ դա արդեն տեղին չէր, մաղադանոսի ցողուններ։ Հավանաբար, ծաղիկները անբավարար էին եղել։

Հավանաբար, ծաղիկները նրան չեն բավարարել, որովհետև աստղածաղիկների մեծ մասը և մի քանի վարդերը օգտագործել էր այն բանի համար, որպեսզի չորս հենասյուներից յուրաքանչյուրի վրա ամրացված չորս նկարներից ամեն մեկը պարուրեր ծաղիկներով։ Ձախից առջևի մասում ապակու տակ կախված էր սըր Բադեն֊Փաուելը՝ սկաուտական շարժման հիմնադիրը, ձախ կողմից, ետին մասում, առանց շրջանակի՝ Սուրբ Գրիգորը։ Աջից, ետևի մասում, առանց ապակու Միքելանջելոյի Դավթի գլուխն էր։ Շրջանակի մեջ և ապակու տակ առջևի սյունից ժպտում էր գրգռիչ կերպով գեղեցիկ, մոտ տասնվեց տարեկան մի տղա։ Դա Դոնատի վաղ շրջանի լուսանկարն էր, նրա սիրելի Հորսթ Դոնատի, որ արդեն որպես լեյտենանտ զոհվել էր Դոնեցք գետի վրա։

Միգուցե արժե, որ ես հիշատակեմ նաև աստիճանների վրայի աստղածաղիկների ու մաղադանոսի միջև ընկած թղթի չորս կտորների մասին։ Կտորները այնպես էին ընկած, որ դրանք առանց դժվարության կարելի էր միացնել։ Օսկարն էլ միացրեց, ինչից հետո կարողացավ ընթերցել դատարան ներկայանալու ծանուցագիրը, որը բազմաթիվ անգամ դրոշմակնքված էր բարքերի ոստիկանության կողմից։

Վերը ասվածին ինձ մնում է միայն ավելացնել, որ բանջարեղեն վաճառողի մահվան վերաբերյալ մտորումներից ինձ կտրեց «շտապ օգնության» շչակը։ Քիչ անց նրանք դղրդյունով աստիճանների վրայով իջան ներքև, տախտակամածով վերև ու սկսեցին զբաղվել կախված Գրեֆով։ Սակայն հենց որ նրան վեր բարձրացրին, հակակշիռ հանդիսացող կարտոֆիլներով լված կողովներն ընկան ու շուռ եկան, ինչպես թմբուկի՝ մեքենայի հետ կապված դեպքում։ Սկսեց աշխատել ազդարարված սարքը, որը Գրեֆը վարպետորեն թաքցրել էր հիմնակմախքի վերևում և ծածկել նրբատախտակով։ Եվ մինչ ներքևում կարտոֆիլները դխկդխկյունով ընկնում էին բետոնապատ հատակին, վերևում թիթեղի, փայտի, ապակու և բրոնզի վրա էին հարվածում․ դա ազատված թմբուկային նվագախումբն էր, որը թմբկահարում էր Ալբերխտ Գրեֆի մեծ վերջերգը։

Այսօրվա համար Օսկարը գրեթե առավել դժվար խնդիր չունի, քան իր թիթեղի վրա վերարտադրել կարտոֆիլային հեղեղի շառաչը, տեղին է ասել՝ քիչ շահ չստացան որոշ սանիտարներ, և Գրեֆի թմբուկային մեքենայի ողջ համակարգված աղմուկը։ Աակայն, հավանաբար այն պատճառով, որ իմ թմբուկը վճռորոշ ազդեցություն ունեցավ Գրեֆի մահվան ներկայացման վրա, ինձ երբեմն հաջողվում է թմբուկի վրա գցել Գրեֆի մահը վերարտադրող ավարտական պիեսը, որը, երբ ընկերներս կամ հիվանդապահ Բրունոն հարցնում են անվանումը, ես անվանում եմ այսպես՝ «Յոթանասունհինգ կիլոգրամ»։


Բեբրայի ռազմաճակատային թատրոնը

Քառասուներկուսի հուլիսի կեսին լրացավ իմ որդու՝ Կուրտի, մեկ տարին։ Օսկարը՝ Կուրտի հայրը, այս իրադարձությանը վերաբերվեց հանգիստ, ինքն իրեն մտածելով՝ ևս երկու տարի։ Քառասուներկուսի հոկտեմբերին բանջարեղեն վաճառող Գրեֆը իր կառուցվածքով այնքան կատարյալ կախաղանից կախվեց, որ ես՝ Օսկարս, այդ ժամանակվանից սկսած, ինքնասպանությունը սկսեցի համարել մահվան ամենավեհ ձևը։ Քառասուներեքի հունվարին շատ խոսակցություններ էին ընթանում Ստալինգրադ քաղաքի մասին։ Սակայն քանի որ Մացերատը այդ քաղաքի անունը նույն ձևով էր արտասանում, ինչպես ժամանակին՝ Փըրլ֊Հարբորի, Թոբրուկի կամ Դյունկերկի անունը, ես այդ հեռավոր քաղաքի իրադարձություններին, որոնք ինձ հայտնի էին արտակարգ հաղորդակցություններից, քանզի Օսկարի համար վերմախտի[10] տեղեկագրերը և արտակարգ հաղորդագրությունները որպես աշխարհագրության յուրօրինակ դաս էին ծառայում։ Այլ կերպ ինչպե՞ս ես կարող էի իմանալ, թե որտեղ են հոսում Կուբան, Դոն գետերը, ո՞վ կարող էր ինձ ավելի լավ բացատրել Ալեուտյան, Կիսկա և Ալիկ կղզիների աշխարհագրական տեղակայումը, քան դա անում էին Հեռավոր Արևելքի վերաբերյալ նմանատիպ հաղորդագրությունները։ Քառասուներեք թվի հունվարին ես հենց նման ձևով իմացա, որ Ստալինգրադը ընկած է Վոլգա գետի վրա, սակայն, միևնույն է, ինձ վեցերորդ բանակի ճակատագիրն ավելի քիչ էր հետաքրքրում, քան Մացերատին, որն այդ ժամանակ թեթև գրիպ ուներ։

Մինչ Մացերատի գրիպը գնալով նվազում էր, հաղորդավարները շարունակում էին ռադիոյով ինձ աշխարհագրության դասեր տալ․ Ռժևն ու Դեմյանսկը մինչ օրս էլ Օսկարի համար մնում են քաղաքներ, որոնք նա առանց երկար մտածելու կգտնի Խորհրդային Ռուսաստանի ցանկացած քարտեզի վրա։ Նոր էր Մացերատն առողջացել, երբ իմ որդի Կուրտը վարակվեց կապույտ հազով։ Եվ մինչ ես ձգտում էի հիշել Թունիսի օազիսների դժվար անվանումները, որոնք թեժ մենամարտերի կենտրոն էին դարձել, մեր աֆրիկական կորպուսի, ինչպես նաև կապույտ հազի վերջը եկավ։

Օ, չքնաղ մայիս ամիս․ Մարիան, Մացերատը, Գրեթխեն Շեֆլերը զբաղված էին Կուրտի ծննդյան երկրորդ տարեդարձի նախապատրաստմամբ։ Օսկարը ևս մեծ նշանակություն տվեց այդ տոնին, քանզի քառասուներեք թվի հունիսի տասներկուսից հետո ընդամենը մեկ տարի էր մնում։ Եթե ես լինեի տանը, ապա ես կարող էի իմ որդի Կուրտի ականջին շշնջալ․ «Մի քիչ սպասիր, կթմբկահարես և դու»։ Սակայն ստացվեց այնպես, որ քառասուներեք թվի հունիսի տասներկուսին Օսկարը գտնվում էր ոչ թե Դանցիգ֊Լանգֆուրում, այլ հռոմեական հինավուրց Մետց քաղաքում։ Ընդ որում՝ նրա բացակայությունը այնքան երկարեց, որ նրանից մեծ ջանքեր պահանջվեցին ժամանակին իր սրտին հոգեհարազատ և դեռևս ռմբակոծության չենթարկված հարազատ քաղաք հասնելու համար, որպեսզի քառասունչորս թվի հունիսի տասներկուսին տոնի փոքրիկ Կուրտի երրորդ ծննդյան տարեդարձը։

Ինչպիսի՞ գործեր էին ինձ Մետց բերել։

Թող այստեղ առանց տարատեսակ կողմնակի ակնարկների ասված լինի․ Պեստալոցիի դպրոցի դիմաց, որը վեր էին ածել օդաչուների համար զորանոցի, ես հանդիպեցի իմ խրատատու Բեբրային։ Սակայն եթե Բեբրան լիներ միայնակ, նա չէր կարողանա ինձ նման ճամբորդության դրդել։ Սակայն Բեբրայի ձեռքը թևանցուկ բռնել էր Ռագունան՝ սինյորա Ռոզվիտան, մեծ պայծառատեսը։

Օսկարը գալիս էր հենց Քլյայնհամերվեգից, ուր այցելել էր Գրեթխեն Շեֆլերին, այնտեղ կարճ ժամանակ թերթեց հանրածանոթ «Ճակատամարտ Հռոմի համար» գիրքը, պարզեց, որ դեռ այն ժամանակներում, Վելիզարիայի օրոք, պատմական կյանքը, բավականին խայտաբղետ տեսք ուներ, որ արդեն այն ժամանակ մեծ թվով կամ հաղթանակներ էին տոնում, կամ պարտության պատճառով վերանում էին գետանցքների և քաղաքների մոտ։

Ես անցա ֆրեբելյան մարգագետինը, որը վերջին տարիներին վերածվել էր Տոդտի կազմակերպությանը պատկանող բարաքային ավանի՝ մտքերով մնալով Տացինեի կողքին, որտեղ հինգ հարյուր թվին Նարսեսը ջախջախեց Տոտիլային։ Սակայն այդ պատերազմը չէ, որ մտքերին ստիպեց կանգ առնել Նարսես անունով մեծ հայի վրա, այլ ավելի շուտ, զորավարի արտաքինը․ Նարսեսը այլանդակ էր, կուզիկ, կարճահասակ, թզուկ, գաճաճ, լիլիպուտ։ Միգուցե Նարսեսը մի գլուխ, մի մանկական գլուխ ավելի բարձր էր, քան Օսկարը, մտածում էի ես։ Կանգ առա Պեստալոցիի դպրոցի դիմաց և համեմատելով նայեցի որոշ չափից դուրս արագ մեծացած ավիացիայի սպաների շքանշանների շերտաձողիկներին։ Նարսեսը հաստատապես շքնաշններ չէր կրում, դրա կարիքը չուներ և այստեղ, դպրոցի գլխավոր մուտքի մեջ, հայտնվեց հենց ինքը՝ այդ նույն զորավարը, նրա ձեռքից կախվել էր մի տիկին, իսկ ինչո՞ւ չպետք է Նարսեսը իր կողքին տիկին ունենա, նրանք քայլում էին ինձ դեմ֊հանդիման, ավիահսկաների կողքին՝ պուճուրիկ։ Այնուհանդերձ մնում էին պատկերի կենտրոնն ու առանցքակետը, պատմության շնչով համակված, օդի նորաթուխ հերոսների կողքին հին, ինչպես աշխարհը, ինչ արժեք ուներ Տոտիլաներով և Տեյաներով լի, բարձրահասակ օստգոթերով լի ողջ զորանոցը ընդդեմ մեկ֊միակ Նարսես անունով հայ գաճաճի։ Իսկ այդ Նարսեսը քայլիկ առ քայլիկ մոտենում էր Օսկարին, ձեռքով էր անում նրան։ Նրա կողքի տիկինը ևս ձեռքով էր անում․ դա ինձ Բեբրան ու Ռոզվիտա Ռագունան էին ողջունում, օդային նավատորմը ակնածանքով զիջում էր մեզ ճանապարհը, ես շուրթերս մոտեցրի Բեբրայի ականջին ու շշնջացի․

― Բարի ուսուցիչ, ես ձեզ ընդունեցի մեծ զորավար Նարսեսի տեղը, որին ավելի բարձր եմ գնահատում, քան մարդիկ Վելիզարիային։

Բեբրան շփոթված ձեռքը թափ տվեց, սակայն իմ համեմատությունը դուր եկավ Ռագունային։ Որքան գեղեցիկ էր նա շարժում շուրթերը, երբ սկսեց խոսել․

― Բեբրա, խնդրում եմ քեզ։ Մի՞թե նա, մեր պատանի ընկերը այդչափ սխալ է։ Եվ Լյուդովիկոս XIV֊ը։ Մի՞թե նա քո նախնին չէ։ Բեբրան ինձ թևանցուկ արեց, տարավ մի կողմ, որովհետև օդաչուները անդադար աչքերը հիացմունքով չռում էին մեզ վրա, ինչով արդեն սկսել էին մեզ ձանձրացնել։ Երբ դրանից հետո լեյտենանտը, իսկ նրա ետևից երկու կրտսեր սպաները, զգաստ կանգնեցին Բեբրայի դիմաց, իմ խրատատուի ուսադիրների վրա կապիտանի տարբերանշաններ էին, իսկ թևքի վրա՝ «քարոզչության վաշտ» գրվածքով երիզ։ Երբ շքանշանակիր պատանիները խնդրեցին և ինքնագիր ստացան, Բեբրան մոտ կանչեց իր ծառայողական մեքենան, մենք նստեցինք և արդեն հեռանալով՝ լսեցինք հիացած օդաչուների ծափահարությունները։

Մենք գնում էինք Պեստալոցիշտրասե, Մագդեբուրգերշտրասե, Հերեսանգեր փողոցներով։ Բեբրան նստել էր վարորդի կողքին։ Արդեն Մագդեբուրգտշտրասեի վրա Ռագունան իմ թմբուկը որպես խոսակցության համար առիթ օգտագործեց։

― Դուք դեռևս հավատարի՞մ եք ձեր թմբուկին, սիրելի ընկեր, ― շշնջաց նա իր միջերկրածովային ձայնով, որը ես շատ վաղուց չէի լսել։ ― Իսկ ընդհանրապես ինչպե՞ս է ձեզ մոտ դրված հավատարմության հետ կապված խնդիրը։

Օսկարը պատասխան չտվեց, չսկսեց նրան ձանձրացնել կանանց մասին երկար պատմություններով, սակայն ժպտալով թույլ տվեց, որ մեծ պայծառատեսը սկզբում շոյի իր թմբուկը, ապա ջղաձգորեն թմբուկը սեղմող իր ձեռքը, շոյի ու շոյի ավելի ու ավելի հարավային ձևով։

Երբ մենք թեքվեցինք Հերեսանգեր, գնալով հինգերորդ գծի տրամվայի երթուղիով, ես նույնիսկ պատասխանեցի, այլ խոսքերով՝ ես իմ ձախ ձեռքով շոյեցի նրա ձախը, այն ժամանակ, երբ նրա աջը քնքշաբանում էր իմ աջի հետ։ Մենք արդեն անցել էինք Մաքս֊Հալբե֊պլացը, այժմ արդեն Օսկարը չէր կարողանում դուրս գալ, սակայն այստեղ ետին տեսարանի հայելու մեջ ես տեսա Բեբրայի բաց շագանակագույն, խելացի, հնադարյան աչքերը, որոնք հետևում էին մեր քնքշություններին։ Բայց Ռագունան բռնեց և պահեց իմ ձեռքերը, որոնք ես, խնայելով ընկերոջս ու խրատատուիս, ուզում էի նրանից խլել։ Բեբրան հայելու մեջ ժպտաց, այնուհետև աչքերը հեռացրեց ու սկսեց զրուցել վարորդի հետ, այն դեպքում, երբ Ռոզվիտան իր կողմից ջերմորեն սեղմելով ու շոյելով իմ ձեռքերը, սկսեց խոսել իր միջերկրածովյան փոքրիկ բերանով, որը կրքոտ ու բացահայտ ի նկատի ուներ ինձ, ներթափվում էր Օսկարի ականջի մեջ, այնուհետև կրկին կոնկրետ ու գործունյա դարձավ, որպեսզի բոլոր կողմերից այդ տենչանքով պատեր իմ բոլոր կասկածներն ու փախուստի փորձերը։ Մենք կանացի հիվանդությունների հիվանդանոցի ուղղությամբ անցանք ռայխսգրասենյակը, և Ռագունան խոստովանեց Օսկարին, որ այդ բոլոր տարիներին մշտապես մտածել է նրա մասին, որ նա մինչ օրս էլ պահպանում է «Տարվա չորս եղանակները» սրճարանի գավաթը, որի վրա ես իմ ձայնով նվիրում էի կտրել, որ չնայած Բեբրան գերազանց ընկեր է և հրաշալի աշխատանքային գործընկեր, սակայն ամուսնանալու մասին մտածել հարկ էլ չկա, Բեբրան պետք է մնա միայնակ՝ շշնջաց նա ի պատասխան իմ հարցի։ Նա Բեբրային լիակատար անկախություն է տրամադրում, սակայն Բեբրան ևս, չնայած իր խառնվածքով բավական խանդոտ է, այս բոլոր տարիների ընթացքում հասկացավ, որ Ռագունային անհնար է կապել, դրանից բացի, որպես ռազմաճակատային թատրոնի ղեկավար, բարի Բեբրան նույնիսկ ժամանակ էլ չունի, որպեսզի ամուսնանալու դեպքում կատարի իր ամուսնական պարտականությունները։ Սակայն նրա թատրոնը հիանալի է, նման ծրագրով նույնիսկ խաղաղ տարիներին լիովին կարելի է հանդես գալ «Ձմեռային այգում» կամ «Լա Սկալայում», այնպես, որ չունե՞մ արդյոք ես, Օսկարս, ում աստվածային շնորհը զուր տեղը կորչում է, սակայն հավանաբար ինձ թույլ չի տալիս իմ տարիքը, մեկ տարի դե թեկուզ փորձելու ցանկություն, ինքը երաշխավորում է։ Չնայած նա՝ Օսկարը, հավանաբար այլ պարտավորություններ ունի, ախ, չունի՞։ Պրուսիա զինվորական օկրուգում տալիս էին վերջին, ցերեկային ներկայացումը։ Այժմ նրանց երթուղին ընկած է դեպի Լոթարինգիա, այնուհետև Ֆրանսիա, Արևելյան ռազմաճակատի մասին այժմ խոսք էլ չկա․ դա, բարեբախտաբար, արդեն ետևում է, և ես՝ Օսկարս, լիովին կարող եմ երջանկություն համարել, որ Արևելյան ռազմաճակատը արդեն անցած է, որ նրանց առջևում այժմ Փարիզն է, անկասկած Փարիզը; Բերե՞լ է, արդյոք, ինձ իմ ճանապարհը երբևիցե Փարիզ։ Այսպիսով, amico, եթե նույնիսկ Ռագունան ունակ չէ գայթակղել թմբկահարի դաժան սիրտը, ապա թող ձեզ գայթակղի Փարիզը։

Մեծ պայծառատեսի այս վերջին բառերի հետ մեքենան կանգ առավ։ Հավասար հեռավորությունների վրա Հոնդենբուրգալլեի իրապես պրուսական, կանաչ ծառերն էին։ Մենք դուրս եկանք մեքենայից, Բեբրան վարորդին կարգադրեց սպասել, սակայն ես չէի ցանկանում «Տարվա չորս եղանակները» սրճարան գնալ, քանի որ այդ ամենից իմ գլուխը պտտվում էր և թարմ օդ էր պահանջում։ Մենք սկսեցինք Շտեֆանսպարկով շրջել, Բեբրան՝ ինձանից աջ՝ Ռոզվիտան՝ ձախ։ Բեբրան ինձ բացատրեց քարոզչական վաշտի իմաստն ու նպատակները, Ռոզվիտան նույն վաշտի կյանքից անեկդոտներ պատմեց։ Բեբրան կարողանում էր խոսել զինվորական նկարիչների, ռազմաճակատային թղթակիցների և իր ռազմաճակատային թատրոնի մասին։ Իսկ Ռոզվիտան իր միջերկրածովյան փոքրիկ բերանից բաց էր թողնում հեռավոր քաղաքների անվանումները, որոնց մասին ես լսել էի ռադիոյով, երբ արտակարգ տեղեկություններ էին հաղորդում։ Բեբրան ասում էր՝ Կոպենհագեն։ Ռոզվիտան հոգոց էր հանում՝ Պալերմո։ Բեբրան երգում էր՝ Բելգրադ։ Ռոզվիտան ողբերգական դերասանուհու նման արտասանում էր՝ Աթենք։ Սակայն նրանք երկուսն էլ ժամանակ առ ժամանակ վերադառնում էին Փարիզին՝ պնդելով, թե իբր Փարիզը ունակ է գերակշռելու բոլոր հենց նոր հիշատակված քաղաքները միասին վերցրած, և, ի վերջո, Բեբրան, եո գրեթե պատրաստ եմ ասել, պաշտոնապես և սահմանված կարգով, ինչպես կապիտան և ինչպես ռազմաճակատային թատրոնի տնօրեն, ինձ արեց առաջարկություն․

― Միացեք մեզ, երիտասարդ, թմբկահարեք, ձեր ձայնով գարեջրի գավաթներ և լամպեր կտրեք։ Չքնաղ Ֆրանսիայում, հավերժ երիտասարդ Ֆրանսիայում գտնվող գերմանական զավթիչ բանակը հիացմունքով կողջունի ձեզ։

Օսկարը, զուտ ձևականորեն, մտածելու համար ժամանակ խնդրեց։ Կես ժամվա չափ ես քայլեցի Ռոզվիտայից, իմ ընկեր և խրատատու Բեբրայից հեռու, մայիսյան ձևով ծաղկող թփերի մեջ, դեմքիս մտախոհ ու տանջալի տեսք էի հաղորդել, շփում էի ճակատս։ Փշատերևների թավուտի լռության մեջ ունկնդրում էի թռչուններին, ինչը երբեք չէի արել, ձևացնում էի, իբր որևիցե մի կարմրագլխիկից տեղեկություն և խորհուրդ եմ սպասում, և երբ խոտերի մեջ ինչ֊որ մի բան հատկապես բարձրաձայն ու նկատելի ծղրտաց, ասացի․

― Հարգարժան խրատատու, բարի և իմաստուն բնությունն ինձ խորհուրդ տվեց ընդունելու ձեր առաջարկը։ Այսօրվանից ու այսուհետ կարող եք ինձ համարել ձեր ռազմաճակատային թատերական խմբի անդամը։

Ինչից հետո մենք, այնուամենայնիվ, գնացինք «Տարվա չորս եղանակները», մի֊մի բաժակ մոկկո խմեցինք և քննարկեցինք իմ փախուստի մանրամասները, որը, սակայն, մենք անվանեցինք ոչ թե փախուստ, այլ հեռացում։

Սրճարանի առջև մենք մեկ անգամ ևս կրկնեցինք սղագրված գործողության մանրամասները։ Ինչից հետո ես հրաժեշտ տվեցի Ռոզվիտային և կապիտան Բեբրային, ընդ որում վերջինս չէր կարող իրեն զրկել հաճույքից․ նրանք երկուսով որոշեցին ոտքով զբոսնել Հինդենբուրգալլեով դեպի քաղաք, կապիտանի վարորդը, բավական մեծահասակ ավագ եֆրեյտորը, ինձ ետ բերեց Լանգֆուր, մինչև Մաքս֊Հալբե֊պլաց, քանզի ես չէի կամենում և չէի կարող գնալ մինչև Լաբեսվիգ․ ծառայողական մեքենայով գալով, Օսկարը չափազանց սևեռուն և անտեղի հետաքրքրություն կառաջացներ։

Ես շատ քիչ ժամանակ ունեի։ Հրաժեշտի այց Մարիային ու Մացերատին։ Ես երկար կանգնեցի իմ որդի Կուրտի քայլասայլակի կողքին, և, եթե չեմ սխալվում, իմ մեջ ծնվում էին որոշ զուտ հայրական մտքեր։ Ես նույնիսկ փորձեցի շոյել շիկահեր փոքրիկին, սակայն նա թույլ չտվեց, դրա փոխարեն թույլ տվեց Մարիան, որը զարմացած ընդունում և բարեհոգաբար վերադարձնում էր իր համար անսովոր քնքշությունները։ Որքան էլ տարօրինակ է, ինձ առավել դժվարությամբ հաջողվեց հրաժեշտ տալ Մացերատին։ Նա կանգնած էր խոհանոցում և իր շերեփի հետ միաձուլված մանանեխի կերակրահյութով երիկամներ էր պատրաստում և, հնարավոր է, լիովին երջանիկ էր։ Ահա թե ինչու ես չհամարձակվեցի նրան խանգարել։ Միայն երբ նա ձեռքը ետ քաշեց և սկսեց խոհանոցային սեղանի վրա գրեթե կուրորեն ինչ֊որ բան փնտրել, Օսկարը հասավ օգնության, վերցրեց կտրտված մաղադանոսով տախտակը և մեկնեց նրան, և ես լիովին հնարավոր եմ համարում, որ Մացերատը, երբ ես վաղուց արդեն խոհանոցում չէի, զարմացած և իրեն կորցրած, երկար ժամանակ մաղադանոսով տախտակը բռնել էր ձեռքին, քանզի մինչ այդ Օսկարը երբեք Մարիայի համար ոչինչ չէր մատուցել, չէր բռնել, չէր բարձրացրել։

Ես Տրուչինսկի մայրիկի մոտ մի կտոր հաց կերա, թույլ տվեցի, որ նա ինձ լողացնի ու անկողին մտցնի, սպասեցի, մինչև նա անձամբ հայտնվի փետրաներքնակի մեջ ու թեթևակի շվշվոցով խռռացրի, այնուհետև ոտքերս մտցրեցի հողաթափերի մեջ, վերցրեցի իմ հագուստը, գաղտագողի անցա այն սենյակի միջով, որտեղ րոպե առ րոպե ավելի ծեր դառնալով՝ շվշվացնում ու խռխռացնում էր ճերմակահեր մուկիկը, շուռ ու մուռ տվեցի միջանցքի փականները, ի վերջո կարողացա բացել դռան սողնակը, աստիճաններով, դեռ էլի ոտաբոբիկ ու գիշերային վերնաշապիկով, հագուստի կապոցով՝ գաղտագողի բարձրացա վեր, ձեղնահարկ, որտեղ կղմինդրների կույտից ու հին թերթերի կախոցներից, որոնք շարունակում էին դարսել, չնայած հակահրդեհային կանոններին, այն կողմ գտնվող իմ թաքստոցում մի քանի անգամ սայթաքեցի հակաօդային ավազի կույտի ու դույլի վրա։ Փնտրեցի գտա նոր, փայլող թմբուկը, որը ժամանակին Մարիայից գաղտնի թաքցրել էի ես, այնտեղ էլ գտա Օսկարի համար գրականությունը՝ Գյոթեն ու Ռասպուտինը մեկ հատորով։ Վերցնե՞մ, արդյոք, ինձ հետ իմ սիրելի հեղինակներին։

Կոստյումն ու կոշիկները հագնելով, թմբուկը վզից կախելով, փայտիկները շալվարակալների տակ մտցնելով՝ Օսկարը բանակցություններ էր վարում միաժամանակ իր երկու աստվածների՝ Դիոնիսի ու Ապոլոնի հետ։ Մինչ հարբած ուշաթափության աստվածն ինձ խորհուրդ էր տալլիս՝ ոչ այն է իմ հետ ընդհանրապես ոչ մի գիրք չվերցնել, իսկ եթե այնուամենայնիվ վերցնեմ, ապա «Ռասպուտինի» կապուկը, գերխորամանկ և չափից դուրս խելամիտ Ապոլոնը ուզում էր համոզել, որպեսզի իմ ճանապարհային իրերը ընտրվեն անթերի․ այսպիսով, ես ինձ հետ պետք է վերցնեի այն բարեվայելուչ հորանջոցը, որին մեկ դար առաջ տրվում էր Գյոթեն, սակայն զուտ որպես մարտահրավեր, ինչպես նաև գիտակցելով, որ «Ընտրովի ազգակցությունը» ունակ չէ լուծել բոլոր սեռական խնդիրները և, դրա հետ մեկտեղ, վերցրեցի նաև Ռասպուտինին՝ նրա մերկ, չնայած սև գուլպաներով, կանանց զորքով։ Եթե Ապոլոնը ձգտում էր ներդաշնակության, իսկ Դիոնիսը հարբածության և քաոսի, ապա Օսկարը այն փոքրիկ կիսաստվածն էր, որը քաոսին օժտում էր ներդաշնակությամբ և գիտակցությունը վեր էր ածում հարբած շմոլքի, որը, եթե չշեղվենք նրա մահացություններից, բոլոր անհիշելի ժամանակներից օրինականացված աստվածներին գերազանցում էր մեկ բանում․ Օսկարը իրավունք ուներ ընթերցել այն, ինչը նրան հաճույք էր պատճառում, մինչդեռ աստվածներն իրենք իրենց գրաքննության էին ենթարկում։

Սակայն ինչ աստիճան կարելի է կապված լինել եկամտային տան և տասնինը բնակարան վարձողների խոհանոցային հոտերի հետ։ Ես հրաժեշտ էի տալիս յուրաքանչյուր աստիճանի, յուրաքանչյուր հարկի, յուրաքանչյուր դռան, որտեղ ամեն մեկի վրա անուն֊ազգանունով ցուցանակ էր կախված․ օ, երաժիշտ Մայնը, որին տուն ուղարկեցին որպես ծառայության համար ոչ պիտանի և որը կրկին շեփոր էր նվագում, կրկին գիհի օղի էր խմում ու սպասում, որ նրանք կրկին կգան իր ետևից։ Իսկապես էլ նրանք եկան, սակայն թույլ չտվեցին, որպեսզի նա շեփորը վերցնի իր հետ։ Օ, դու, տձև ֆրաու Քատեր, ում աղջիկը, Սյուզին, այժմ իրեն կայծակ֊աղջիկ էր անվանում, օ, Ակսել Միշքե, ինչի՞ հետ դու փոխանակեցիր քո մտրակը։ Հերր և ֆրաու Վոյվուտները, որոնք օրեցօր շաղգամ էին ուտում։ Հերր Հայներտը տառապում էր ստամոքսով, այդ իսկ պատճառով էլ նա Շիխաուի նավաշինարանում էր, այլ ոչ թե հետևակում։ Իսկ կողքին Հայներտի ծնողներն էին՝ նույն ինքը Հայմովսկի ընտանիքը։ Օ, Տրուչինսկի մայրիկ֊մուկիկը, նա սուսիկ֊փուսիկ քնած էր իր բնակարանի դռան այն կողմում։ Փայտին սեղմված իմ ականջը լսում էր, թե ինչպես է նա շվշվացնում։ Փոքրիկ Քեսխենը, որի ազգանունը ճիշտն ասած Ռետցել է, արժանացավ լեյտենանտի կոչման՝ չնայած մանուկ հասակում նրան ստիպում էին բրդյա երկար գուլպաներ հագնել։ Շլագերի որդին զոհվել էր, Էյկեի որդին զոհվել էր, Քոլլինի որդին զոհվել էր։ Դրա փոխարեն ողջ էր ժամագործ Լաուբշադը և կյանքի էր կոչում զոհված ժամացույցները։ Ծերունի Հայլանդը ևս ողջ էր և ճիշտ նույն ձևով ուղղում էր ծռված մեխերը։ Իսկ ֆրաու Շվետվինսկին առաջվա պես հիվանդ էր, իսկ Հերթ Շվետվինսկին առողջ էր, բայցևայնպես ավելի շուտ մահացավ, քան կինը։ Իսկ ահա առաջին հարկի դիմացի դուռը․․․ Իսկ ովքե՞ր էին այստեղ ապրում։ Իսկ այնտեղ ապրում էին Ալֆրեդ և Մարիա Մացերատները և նրանց հետ Կուրտ անունով գրեթե երկու տարեկան որդին։ Իսկ ո՞վ էր այդ գիշերային ժամին լքում մեծ, ծանր շնչող տունը։ Դա Օսկարն էր՝ Կուրտի հայրը։ Իսկ ի՞նչ էր նա մթնեցված փողոց դուրս բերում։ Նա դուրս էր բերում իր թմբուկը և իր հաստ գիրքը, որով կրթություն էր ստացել։ Այդ դեպքում ինչո՞ւ շրջապատված միատեսակ, մթնեցված տներով, որոնք հավատում էին հակաօդային պաշտպանությանը, նա քայլերը դանդաղեցրեց առաջին մթնեցված, հակաօդային պաշտպանությանը հավատացող տան դիմաց։ Դե, որովհետև այնտեղ էր ապրում այրի Գրեֆը, որին չնայած նա պարտական չէր իր կրթությամբ, բայց դրա փոխարեն պարտական էր իր որոշ զգացմունքային վարժվածությամբ։ Իսկ ինչո՞ւ նա այդ սև տան առջև հանեց գլխարկը։ Դե որովհետև վերհիշեց բանջարեղեն վաճառող Գրեֆին, որը խուճուճ մազեր և արծվի քիթ ուներ, որն ինքն իրեն կշռեց ու միաժամանակ կախվեց, որը կախված վիճակում ևս պահպանեց նույն այն խուճուճ մազերն ու այդ նույն արծվի քիթը, միայն շագանակագույն աչքերը, որոնք սովորաբար խաղաղ նստած էին իջվածքների մեջ, չափից դուրս լարվածության պատճառով, չռվեցին դուրս։ Իսկ ինչո՞ւ Օսկարը կրկին հագավ թռչող երիզներով նավաստիական գլխարկը և արդեն ծածկված գլխով շարունակեց իր ճանապարհը։ Որովհետև նա հանդիպում ուներ Լանգֆուր բեռնատար երկաթուղային կայարանում։ Իսկ նա ժամանակի՞ն հասավ պայմանավորված տեղը։ Այո, հասավ։

Առավել ստույգ ասած, դեռ ամենավերջին րոպեին հասցրեցի խրվել Բրունսհեֆերվեգ ստորգետնյա անցումից ոչ հեռու երկաթուղային հողաթմբի մեջ։ Եվ չի կարելի ասել, որ կանգ առա մոտակայքում գտնվող բժիշկ Հոլլացի աշխատասենյակի դիմաց։ Ճիշտ է, ես մտովի հրաժեշտ տվեցի քույր Ինգային, ողջյուններ ուղարկեցի հացթուխի բնակարանին, որը Քլյայնհամերվեգ փողոցում էր, սակայն այդ ամենը արեցի ընթացքից, և միայն «Քրիստոսի սիրտը» եկեղեցու շքամուտքը ինձ ստիպեց անել այն կանգառը, որի պատճառով քիչ մնաց գնացքից ուշանայի։ Եկեղեցու դռները փակ էին։ Սակայն ես շատ հստակ պատկերացրեցի Կույս Մարիամի ձախ ծնկան վրա նստած մերկ վարդագույն մանուկ Քրիստոսին։ Եվ կրկին ինձ հայտնվեց նա՝ իմ խեղճ մայրիկը։ Նա իջել էր ծնկի, նա նորին բարեկրոնություն Վինկեի ականջի մեջ այնպես էր լցնում այն բոլոր մեղքերը, որոնք գործել էր գաղութային ապրանքների կրպակի տիրուհին, ինչպես սովորություն ուներ երկնագույն ֆունտանոց և կեսֆունտանոց տոպրակների մեջ լցնել շաքար։ Իսկ Օսկարը ծնկի եկավ ձախ կողակառույցի առջև, ուզում էր մանուկ Հիսուսին թմբկահարել սովորեցնել, իսկ այդ չարաճճին չցանկացավ ինձ հրաշք ներկայացնել։ Այն ժամանակ Օսկարը երդվեց և այժմ փակ շքամուտքի դիմաց երդվեց երկրորդ անգամ․ ես դեռ նրան կսովորեցնեմ թմբկահարել։ Եթե ոչ այսօր, ապա վաղը հաստատ։

Սակայն քանի որ առջևում ինձ երկար ճանապարհորդություն էր սպասվում, ես վաղը փոխարինեցի վաղը չէ մյուս օրվանով, շրջվեցի թիկունքով դեպի շքամուտքը՝ համոզված, որ Հիսուսը ինձանից ոչ մի տեղ չի փախչի, չարչարվելով բարձրացա ստորգետնյա անցման կողքի երկաթուղային հողաթմբի վրա, այդ ընթացքում մի քիչ Գյոթե ու Ռասպուտին կորցնելով, սակայն իմ ուսումնական ձեռնարկների մեծ մասը կարողացա բարձրացնել վերև։ Ռելսերի արանքում մեկ անգամ ևս սայթաքեցի փայտակոճերի և խճաքարերի վրա, և այն աստիճան մութ էր, որ քիչ մնաց ցած գցեի ինձ սպասող Բեբրային։

― Ահա և թիթեղի մեր մեծահմուտ վարպետը, ― գոռաց կապիտանը՝ նույն ինքը երաժշտական ծաղրածուն։ Այնուհետև միմյանց փոխադարձաբար զգուշության կոչեր անելով, մենք սկսեցինք շոշափելով առաջանալ ռելսերի սլաքների վրայով։ Խճճվեցինք տեղից տեղ տեղափոխվող բեռնատար վագոնների միջև, ի վերջո գտանք արձակուրդայիններին տեղափոխող այն գնացքը, որում Բեբրայի ռազմաճակատային թատրոնի համար հատուկ կուպե էր հատկացված։

Մեկ անգամ չէ, որ Օսկարին վիճակվել էր երթևեկել տրամվայով, այժմ նրան առաջիկայում սպասվում էր ուղևորություն կատարել գնացքով։ Երբ Բեբրան ինձ մտցրեց կուպե, Ռոզվիտան մի ինչ֊որ կար ու ձևի վրայից ժպտալով աչքերը բարձրացրեց վեր և ժպտալով համբուրեց իմ այտը։ Չդադարելով ժպտալ և միաժամանակ մատները կարուձևից չկտրելով՝ նա ինձ ներկայացրեց ռազմաճակատային անսամբլի մնացած անդամներին՝ ակրոբատներ Ֆելիքսին ու Քիթթին։ Մեղրավուն մազերով, փոքր֊ինչ մոխրագույն մաշկով Քիթթին բավականին գրավիչ էր, իսկ չափսերով մոտ էր սինյորային։ Սաքսոնական բարբառի թեթևակի նշանները ուժեղացնում էին նրա գրավչությունը։ Մարմնամարզիկ Ֆելիքսը խմբում ամենաբարձրահասակն էր։ Նա առնվազն հարյուր երեսունութ սանտիմետր հասակ ուներ։ Իր չափից ավելի երկար հասակի պատճառով խեղճը շատ էր տանչվում։ Իմ իննսունչորս սանտիմետրի հայտնվելը էլ ավելի սաստկացրեց նրա թերարժեքութայն զգացողությունը։

Դրանից բացի մարմնամարզիկի կիսադեմը ցուցադրում էր իր ակնհայտ նմանությունը ազնվացեղ արշավաձիու կիսադեմի հետ, ինչի համար էլ Ռոզվիտան նրան կատակով «Cavallo» կամ «Ֆելիքս֊c-o» էր անվանում։ Մարմնամարզիկը ևս Բեբրայի նման մոխրագույն համազգեստ էր կրում, միայն թե տարբերանշաններով ավագ եֆրեյտոր էր։ Երկու տիկնայք ևս մոխրագույն արշավային մահուդե կտորների մեջ էին հանդերձված (ինչը նրանց ամենևին չէր զարդարում), որոնցից կարված էին նրանց ճանապարհային կոստյումները։ Պարզվեց, որ Ռոզվիտայի ձեռքի տակ գտնվող կարուձևը ևս մոխրագույն մահուդ էր, դաշտային գույնի․ ավելի ուշ այն դարձավ իմ զինվորական համազգեստը, որի պատրաստելու գումարը իմ համար հավաքեցին Ֆելիքսն ու Բեբրան։ Ռոզվիտան ու Քիթթին հերթով կարում էին այն, պետք չգալու պատճառով մոխրագույնից ավելի ու ավելի կտրելով, մինչև որ վերնաշապիկը, շալվարն ու գլխարկը համապատասխանեցին իմ չափսերին։ Դրա փոխարեն վերմախտի զգեստասենյակներից ոչ մեկում Օսկարի հագով կոշիկ գտնել չհաջողվեց։ Այդպես էլ ես մնացի կապիչներով քաղաքացիական կոշիկների մեջ, իսկ զինվորական կիսաճտքավոր կոշիկները մտքիցս դեն նետեցի։

Ստիպված եղանք կեղծել իմ փաստաթղթերը, և մարմնամարզիկ Ֆելիքսը այդ բարդ գործում ցուցադրեց իր արտակարգ տաղանդը։ Արդեն գոնե զուտ քաղաքավարությունից ես չէի կարող հակաճառել, մեծ պայծառատեսուհին ինձ ներկայացրեց որպես իր եղբայրը, տեղին է նշել՝ որպես ավագ եղբայրը։ Օսկարնելլո Ռագունան ծնվել էր հազար ինը հարյուր քսան թվի հոկտեմբերի քսանմեկին, Նեապոլում։ Մինչ այդ օրը ես ստիպված էի եղել տարբեր անուններով գոյություն ունենալ, Օսկարնելլո Ռագունան մեկն էր դրանցից և, տեսնում է Աստված, ամենևին էլ մյուսներից ավելի վատ չէր հնչում։

Իսկ հետո մենք, ինչպես ասում են, ճանապարհ ընկանք։ Գնացինք Շտոլպի, Շտետինի, Բեռլինի, Հաննովերի, Քյոլնի միջով՝ դեպի Մատց։ Ըստ էության՝ ես Բեռլինից ոչինչ չտեսա։ Մենք այնտեղ հինգ ժամ անցկացրինք։ Եվ, իհարկե, հենց այդ ժամանակ էլ օդային տագնապ հայտարարեցին։ Մենք ստիպված եղանք թաքնվել Թոմասի մառանում։ Արձակուրդ մեկնողները սարդինաների պես լցվեցին նրա կամարների տակ։ Հենց որ դաշտային ոստիկանության աշխատակիցներից ինչ֊որ մեկը փորձեց մեզ առաջ տանել, ողջյունի գոչյուններ լսվեցին։ Զինվորներից մի քանիսը, որոնք Արևելյան ռազմաճակատից էին վերադառնում, ճակատային գծում տված նախկին համերգներից գիտեին Բեբրային ու նրա խմբին, մարդիկ սկսեցին ծափահարել, շվացնել, Ռոզվիտան սկսեց ամբոխին օդային համբյուրներ հղել։ Մեզ համոզեցին ելույթ ունենալ։ Մեծ գարեջրատան մի անկյունում մի քանի րոպեների ընթացքում բեմի նմանվող ինչ֊որ բան կառուցեցին։ Բեբրան ընդհանրապես չէր կարողանում մերժել, մանավանդ որ հակաօդային պաշտպանությունից մի մայոր սրտագին ու ընդգծված ձևով զինվորական կեցվածք ընդունելով, նրան խնդրեց ինչ֊որ բանով ուրախացնել մարդկանց։

Առաջիկայում Օսկարին վիճակված էր առաջին անգամ մասնակցություն ունենալ սովորական ներկայացման մեջ։ Եվ չնայած չի կարելի ասել, որ ես ամենևին պատրաստված չէի, մինչ մենք գալիս էինք՝ Բեբրան բազմաթիվ անգամ ինձ հետ մշակեց իմ համարը, այնուամենայնիվ, ես համակվեցի շփոթվածությամբ, այն աստիճան, որ Ռոզվիտան հնարավորություն ստացավ շոյելու իմ ձեռքերը։

Նոր էին մեր ետևից քաշ տալով բերել մեր դերասանական բեմիրերը, զինվորականները իրենց ջանասիրությամբ ուղղակի կաշվից դուրս եկան, Ֆելիքսն ու Քիթթին սկսեցին իրենց մարմնամարզական համարը։ Նրանք գործողության մեջ էին դնում մարդ֊կաուչուկ ծրագիրը, փաթաթում էին հանգույցի մեջ, իրենք իրենց անցկացնում էին դրա միջով, իրենք իրենց հանգուցաբացվում, միմյանց շուրջ պատվում, միմյանցից անջատվում, միմյանց գումարվում, մեկը փոխարինում էին մյուսով՝ աչքերը չռած ու իրար խռնված զինվորների մոտ առաջ բերելով հոդերի ու մկանների ուժեղ ցավեր, որոնք հետագայում դեռ մի քանի օր պահպանվեցին։

Մինչ Ֆելիքսն ու Քիթթին հանգուցվում ու հանգուցաբացվում էին, Բեբրան հանդես էր գալիս որպես երաժշտական ծաղրածու։ Տարբեր չափերով հեղուկ լցված շշերի վրա, լիքը լցվածներից մինչև լրիվ դատարկը, նա կատարում էր այդ պատերազմական տարիների ամենահանրահայտ մեղեդիները, նվագում էր «Էրիկան» և «Ինձ համար համար ձիուկ գնիր, մայրիկ»֊ը, շշերի բերաններին ստիպում էր բոցավառվել ու զնգացնել «Հայրենիքի աստղերով»֊ը, սակայն երբ այդ ամենը անհրաժեշտ ազդեցություն չէր թողնում, դիմում էր իր փորձարկված փառահամարի օգնությանը և շշերի միջով սկսում էր մոլեգնել «Ջիմի վագրը»։ «Վագրը» ոչ միայն արձակուրդ մեկնողներին դուր եկավ, առյուծը նույնիսկ Օսկարի երես տված ականջի մեջ ներթափանցեց, և երբ մի քանի դանդաղկոտ, սակայն հաջողությունը երաշխավորող աճապարությունից հետո Բեբրան հայտարարեց Ռոզվիտային՝ մեծ պայծառատեսուհուն, հանդիսատեսների տրամադրությունն արդեն բավականաչափ բարձր էր․ Ռոզվիտան և Օսկարնելլոն դատապարտված էին հաջողության։ Ես մեր ելույթը բացեցի թեթև թմբկահարումով, ուժեղացնելով թմբկահարումը՝ ընդգծեցի հանգուցալուծումը, իսկ համարյա ավարտից հետո արհեստավարժ թմբկահարումով ծափահարություններ պահանջեցի։ Հանդիսատեսի ամբոխի միջից, զինվորներից և նույնիսկ սպաներից մի քանիսին, ծեր կոփված ավագ եֆրեյտորներին կամ ամոթխածությունից հանդգնացած յունկերներին Ռագունան կոչ էր անում նստել, նայում էր սրա կամ նրա սրտի մեջ, իսկ դա արդեն նա կարող էր և հանդիսատեսին, բացի զինվորական գրքույկների անփոփոխ միմյանց համընկնող տվյալներից, հայտնում էր նաև ավագ եֆրեյտորների ու յունկերների կյանքից ինչ֊ինչ անհատական մանրամասներ։ Նա այդ անում էր չափազանց նրբանկատորեն՝ դիմակազերծումների ընթացքում հանդես բերելով իր սրամտությունը, քողազերծվածներից մեկին, ինչպես հանդիսատեսները կարծում էին, վերջում նա մի լիքը շիշ գարեջուր նվիրեց, այնուհետև խնդրեց, որ նվեր ստացողը շիշը ավելի վեր բարձրացնի, որպեսզի բոլորը կարողանան տեսնել այն և ինձ՝ Օսկարնելլոյիս։ Ազդանշան տրվեց․ գնալով հզորացող թմբկահարություն՝ իմ ձայնի համար, որն ավելի դժվար խնդիրներ էր լուծել, մանկական զվարճանք, և գարեջրի շիշը դղրդյունով կոտրվում էր ու արդյունքում շփոթված, գարեջրով դեմքը շաղված հրի ու ջրի միջով անցած ոչ այն է եֆրեյտոր, ոչ այն է՝ դեղնակտուց յունկեր, ինչից հետո հիացմունք, երկարատև ծափահարություններ, որոնց խառնվում էին ռայխի մայրաքաղաքի օդային ծանր հարձակման ձայները։

Բնական է, որ այն, ինչ մենք նրանց առաջարկում էինք, բարձրագույն կարգի չէր, սակայն դա զվարճացնում էր մարդկանց, օգնում էր մոռանալ և՛ ռազմաճակատը, և՛ արձակուրդը, դա ծիծաղ էր առաջ բերում, քանզի երբ նկուղը ցնցելով և նրա ողջ պարունակությունը շուռ տալով, մեր գլխավերևում պայթում էին ռումբերը՝ հանգցնելով նաև վթարային նորմալ լուսավորությունը, երբ ամեն ինչ խառնիխուռն թափված էր հատակին, այդ մութ, խեղդուկ դագաղի միջից դեռևս ծիծաղ էր դուրս հոսում։

― Բեբրա, ― գոռում էին մարդիկ, ― Բեբրային ենք ուզում։

Եվ բարի անխորտակելի Բեբրան արձագանքեց կանչին, բացարձակ մթության մեջ պատկերեց ծաղրածուին՝ իրար վրա լցված զանգվածների միջից ծիծաղի պայթյուններ դուրս կորզելով, իսկ երբ հանդիսատեսը պահանջեց Օսկարնելլոյին ու Ռագունային, թնդացրեց․

― Սինյոր֊րա Ռ֊ռ֊ռագունան շատ է հոգնել, իմ թանկագին կապարե զինվորիկներ։ Փոքրիկ Օսկարնելլոն էլ պետք է մի փոքր քնի՝ հանուն գերմանական Մեծ Ռայխի ու վերջնական հաղթանակի։

Իրականում, սակայն, Ռոզվիտան պառկած էր ինձ հետ և սարսափելի վախենում էր։ Իսկ Օսկարնելլոն ամենևին էլ չէր վախենում, սակայն պառկել էր Ռագունայի հետ։ Նրա վախն ու իմ քաջությունը իրար միացրին մեր ձեռքերը։ Ես ամենուր հավաքում էի նրա վախի նշանները, նա հավաքում էր նշանները իմ քաջության։ Ավարտին մոտ ես ինքս էլ սկսեցի թեթևակի վախենալ, իսկ նա քաջալերվեց։ Եվ այդ ժամանակ ես առաջին անգամ վանեցի նրա վախը և նրա մեջ քաջություն ներդրեցի, իմ տղամարդկային քաջությունը երկրորդ անգամ ապստամբեց։ Այն դեպքում, երբ իմ չքնաղ տասնութ տարին էր բոլորում, նա, էլ չգիտեմ էլ, թե կյանքի որ տարին ապրելով, որերորդ անգամ պառկելով, տրվեց իր մարզված, իմ մեջ առույգություն ներշնչող վախին։ Քանզի նրա շինարարական նվազագույն ծախսերով պատրաստված, սակայն այնուամենայնիվ, լիովին համաչափ մարմինը ճիշտ այնպես, ինչպես նրա դեմքը, ցույց չէին տալիս իմ կողմից թողնվող հետքերի որևիցե նշաններ։ Ժամանակից ու քաջությունից դուրս, վախով ժամանակից դուրս ինձ տրվեց ոմն Ռոզվիտա։ Եվ ոչ մեկը երբեք չի իմանա, թե քանի տարեկան էր այն լիլիպուտ կինը, որն իմ քաջության շնորհիվ ռայխի մայրաքաղաքի վրա կատարված օդային խոշոր հարձակման ժամանակ, երբ թաղել էին Թոմասի մառանում, կորցրեց իր վախը, մինչև որ հակաօդային պաշտպանության մարդիկ մեզ փորեցին ու հանեցին․ քանի՞ տարեկան էր՝ տասնինը թե իննունինը։ Իսկ Օսկարին ավելի լավ կլինի լռություն պահպանել, քանի որ նա ինքն էլ չգիտի, թե ում կողմից է իրեն նվիրվել այդ առաջին անգամ իր ֆիզիկական չափսերին համապատասխանող գրկախառնությունը՝ ոչ այն է ծեր կնոջ, ոչ այն է՝ վախից դյուրությամբ զիջող դարձած աղջկա կողմից։


Դիտահայել բետոնը կամ առեղծվածորեն֊բարբարոսաբար֊ձանձրալի

Մենք երեք շաբաթ շարունակ երեկոյից երեկո խաղում էինք կայազորի ու հռոմեյական Մետց քաղաքի պատկառելի հինավուրց ամրություններում։ Այդ նույն ծրագիրը մենք երկու շաբաթ ներկայացնում էինք Նանսիում։ Հյուրասիրաբար մեզ մեկ շաբաթ ընդունեց Շալոն֊սյուր֊Մարնը։ Օսկարի լեզվից արդեն դուրս էին սայթաքում առաջին ֆրանսերեն բառերը։ Ռեյմսում մենք կարողացանք հիանալ դեռ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա ավերածություններով։ Աշխարհահռչակ տաճարի քարե գազանանոցը այն զզվանքից, որը նրան ներշնչում էր մարդկությունը, անդադար ջուր էր թքում քարե սալարկուղու վրա, ինչը նշանակում էր․ անձրևը Ռեյմսում տեղում էր օրեցօր և գիշերները՝ ևս։ Դրա փոխարեն Փարիզում մեզ կուրացուցիչ տաք սեպտեմբեր բաժին հասավ։ Ես կարող էի Ռոզվիտայի հետ թևանցուկ շրջել Սենայի առափնյա փողոցով և այդ ձևով նշել իմ տասնիննամյակը։ Չնայած, Ֆրանսիայի մայրաքաղաքը ես գիտեի ունտեր սպա Ֆրից Տրուչինսկու բացիկներից, սակայն Փարիզը ոչ մի դեպքում չհիասթափեցրեց։ Երբ ես ու Ռոզվիտան առաջին անգամ հայնտվեցինք Էյֆելյան աշտարակի կողքը և, ես իննսունչորս եմ, իսկ նա իննսունինը սանտիմետր, բարձրացրինք վեր մեր աչքերը, մեզ երկուսիս համար, որ կանգնած էինք ձեռք ձեռքի, պարզ դարձավ և՛ մեր եզակիությունը, և՛ մեր իրական մեծությունը։ Մենք հենց փողոցում համբուրվեցինք, ինչը սակայն Փարիզում ոչինչ չի նշանակում։

Օ, դու, արվեստի ու պատմության հետ չքնաղ շփում։ Երբ ես առաջվա պես Ռոզվիտային թևանցուկ արած այցի գնացի Հաշմանդամների տուն, վերհիշեցի մեծ, սակայն հասակով ոչ բարձր և այդ իսկ պատճառով մեզ այդչափ սրտամոտ կայսրին։ Ես խոսեցի Նապոլեոնի բառերով։ Այնպես, ինչպես նա ասաց Ֆրիդրիխ II֊ի գերեզմանի վրա, որը, տեղին է ասել, նույնպես բարձր հասակ չուներ․ «Եթե նա ապրեր այսօր, ապա մենք այստեղ չէինք կանգնի»։ Հենց այդպես էլ ես Ռոզվիտայի ականջին քնքշորեն շշնջացի։

Եթե կորսիկացին այսօր ապրեր, մենք չէինք կանգնի այստեղ և չէինք համբուրվի գետափին, կամուրջների տակ, Փարիզի մայթերին։

Ահռելի համերգային ծրագրի շրջանակներում մենք ելույթ ունեցանք և՛ Պլեյել դահլիճում, և՛ Սառա Բեռնարի թատրոնում։ Օսկարը շուտ ընտելացավ մեծ քաղաքի բեմական պայմաններին, կատարելագործեց իր խաղացանկը, հարմարվեց երես առած զավթիչ զորամասերի ճաշակին․ ես իմ ձայնով այլևս հասարակ գերմանական գարեջրով լի շշեր չէի կտրատում։ Օ, ոչ, ես կտրում ու բեկորների էի վերածում ամենանրբաճաշակ, զարմանահրաշ ձևով կլորացված, ֆրանսիական ամրոցներում ծնված, ամենանրբագույն շնչով փչված ծաղկամանները և սկահակները։ Ես իմ ծրագիրը կառուցում էի մշակութային֊պատմական սկզբունքով և սկսում էի Լյուդովիկոս XIV֊ի ժամանակվա գավաթներից, ապակե փոշի էի դարձնում Լյուդովիկոս XIV֊ի դարաշրջանի արտադրանքները։ Ես հեխափոխական ժամանակներին բնորոշ սրընթացությամբ դատաստան էի տեսնում դժբախտ Լյուդովիկոս XIV֊ի և նրա անգլուխ Մարիա Անտուանետայի, հետո մի քիչ էլ Ֆիլիպի ապակյա գավաթների հետ, իսկ հետո մասերի էի բաժանում ֆրանսիական մոդեռնի ապակյա արտադրանքները։

Եթե նույնիսկ պարտերում և օթյակներում նստած արշավային֊մոխրագույն հանդիսատեսը ունակ չէր լինում հասկանալ իմ ելույթների պատմական հաջորդականությունը և բեկորները, միևնույն է, պարգևատրում էր ծափահարություններով՝ որպես լիովին սովորական ինչ֊որ բան։ Երբեմն պատահում էին շտաբային սպաներ և ռայխից լրագրողներ, որոնք հիանում էին ոչ միայն բեկորներով, այլև պատմության իմ զգացումով։ Զինվորական համազգեստով և գիտնականի տեսքով ոմն անհատ իմ արվեստի կապակցությամբ շատ հաճոյախոսություններ արեց, երբ պարետատան համար գալա համերգից հետո ներկայացվեցինք նրան։ Օսկարը առանձնահատուկ երախտագիտությամբ լցվեց ռայխի առաջատար թերթերից մեկի թղթակցի հանդեպ, որը բնակվում էր Սենայի վրայի քաղաքում, իրեն անվանեց Ֆրանսիայի մասնագետ և շատ նրբանկատորեն ինձ մատնացույց արեց ոչ մեծ սխալներս, ավելի շուտ, նույնիսկ ոչ թե սխալներս, այլ իմ ծրագրում տեղ գտած ոճային բացթողումները։

Մենք ողջ ձմեռն անցկացրեցինք Փարիզում։ Մեզ բնակեցնում էին լավագույն հյուրանոցներում և, չեմ թաքցնի, ողջ երկար ձմռան ընթացքում Ռոզվիտան աննահանջ անցկացրեց ինձ հետ կողք կողքի և հաստատեց ֆրանսիական անկողինների առավելությունները։ Երջանի՞կ էր, արդյոք, Օսկարը Փարիզում։ Արդյո՞ք նա վերջնականապես մոռացավ տանը մնացած իր հարազատներին՝ Մարիային, Մացերատին, Գրեթխեն և Ալեքսանդր Շեֆլերներին և, վերջապես, իր որդի Կուրտին ու Աննա Կոլյայչեկ տատիկին։

Եթե նույնիսկ չէի էլ մոռացել, սակայն նրանցից ոչ մեկին չէի էլ կարոտում։ Այդ իսկ պատճառով ես դաշտային փոստով ոչ մի բացիկ չուղարկեցի, կյանքի ոչ մի նշան ցույց չտվեցի։ Հակառակը, հնարավորություն տվեցի, որպեսզի նրանք մեկ տարի ապրեն առանց ինձ, քանզի արդեն մեկնելիս հաստատապես որոշել էի վերադառնալ, և ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է տեղավորվել այդ ողջ խումբը իմ բացակայության ժամանակ։ Փողոցում, ինչպես նաև ներկայացումների ժամանակ, ես երբեմն զինվորների մեջ ծանոթ դեմքեր էի փնտրում։ Միգուցե Ֆրից Տրուչինսկուն կամ Ակսել Միշքեին ետ են կանչել ռազմաճակատից ու տեղափոխել Փարիզ, մտածում էր Օսկարը, մեկ թե երկու անգամ նրան նույնիսկ թվաց, իբր ինքը հետևակայինների խմբի մեջ տեսավ Մարիայի քաջարի եղբորը, սակայն նա սխալվեց․ արշավային համազգեստը մոլորության մեջ է գցում։

Հայրենիքի կարոտը իմ մեջ միայն Էյֆելյան աշտարակն էր արթնացնում։ Եվ բանը նրանում չէր, որ՝ մագլցելով նրա վրա և ներկայացած համայնապատկերով գայթակղված, ես ցանկություն էի զգում շարժվել հայրենիքիս ուղղությամբ։ Փոստային բացիկների վրա ու իր մտքերում Օսկարը արդեն այնքան էր բարձրացել աշտարակի վրա, որ իրական բարձրացումը կարող էր բերել միայն հիասթափության և իջնելու պահանջի։ Սակայն երբ ես միայնակ, առանց Ռոզվիտայի, կանգնում էի աշտարակի տակ, իսկ երբեմն նստում էի մետաղական կառուցվածքի համարձակ թեքությունների միջև։ Այդ փակ թվացող կառույցը վեր էր ածվում իմ Աննա տատիկի հսկայական շորածածկույթի։ Նստելով Էյֆելյան աշտարակի տակ, ես միաժամանակ նստում էի նրա չորս շրջազգեստների տակ։ Մարսյան դաշտը վերափոխվում էր կաշուբյան կարտոֆիլի դաշտի, փարիզյան հոկտեմբերյան անձրևը անխոնջաբար թեքությամբ մաղվում էր Բիսաուի ու Ռամկաուի միջև։ Ողջ Փարիզը և, նույնիսկ, փարիզյան մետրոն, նման օրերին կծվահամ յուղի հոտ էր արձակում, իսկ ես դառնում էի մտախոհ ու լուռ։ Նման օրերին Ռոզվիտան ինձ հետ խնամքով էր վերաբերում, զգալով իմ ցավը, քանզի շատ նրբազգաց մարդ էր։ Քառասունչորսի ապրիլին, երբ, ըստ տեղեկագրությունների, բոլոր ռազմաճակատներում տեղի էր ունենում ուժերի կրճատում, մենք ստիպված էինք դասավորել մեր դերասանական ուղեբեռը, լքել Փարիզը և Բեբրայի ռազմաճակատային թատրոնի Ատլանտյան բերդապատնեշը։ Շրջագայությունը մենք սկսեցինք Հավրից։ Իմ կարծիքով այդ ժամանակ Բեբրան ցրված և սակավախոս տեսք ուներ։ Ճիշտ է, ներկայացման ժամանակ նա ոչ մի անգամ չձախողեց խաղը և առաջվա պես նվաճում էր ծիծաղասերներին, սակայն հենց վերջին անգամ ընկնում էր վարագույրը, նրա հոգնած դեմքը, Նարսեսի դեմքը քարանում էր։ Սկզբնական շրջանում ես ենթադրաբար նրա մեջ տեսնում էի խանդոտի կամ, ավելի վատ, մի մարդու, որը անձնատուր է եղել երիտասարդության գերազանցող ուժի առջև։ Ռոզվիտան ինձ շշուկով պարզաբանեց․ ճիշտ է, նա ինքն էլ հստակ ոչինչ չգիտեր, սակայն ինչ֊որ բան էր խոսում այն սպաների մասին, ովքեր այցելել էին Բեբրային ներկայացումից հետո, փակ դռների ետևում։ Երևում էր, որ իմ խրատատուն պատրաստվում էր դուրս գալ իր ներքին արտագաղթի վիճակից, կարծես նա ինչ֊որ կոնկրետ բան է ծրագրել, կարծես նրա մեջ սկսել է խոսել իր նախնու՝ արքայազն Օյգենի արյունը։ Բեբրայի ծրագրերը նրան այնքան հեռացրեցին մեզանից, նրան այնքան բարձր ոլորտներ տարան, որ ինտիմ կապը Օսկարի ու Ռոզվիտայի միջև, որը ժամանակին Բեբրայի մենաշնորհն էր, միայն հոգնած ժպիտ էր առաջացնում նրա կնճռոտված դեմքի վրա։ Մեզ բռնացնելով՝ դեպքը տեղի ունեցավ Տրուվիլում, մեզ տեղավորել էին առողջարանային հյուրանոցում և մենք գրկախառնության մեջ հանգուցվելով, պառկել էինք մեր ընդհանուր գրիմավորման սենյակի գորգի վրա, նա միայն թափ տվեց ձեռքը, երբ մենք ցանկանում էինք միմյանցից անջատվել և իր գրիմավորման հայելու մեջ ասաց․

― Տիրեք մեկդ մյուսին, փոքրիկներս, համբուրվեք, վաղը մենք պետք է ուսումնասիրենք բետոնը, իսկ վաղը չէ մյուս օրը՝ բետոնը կճրթճրթա մեր ատամների վրա, այնպես որ համբուրվեք, քանի ցանկություն ունեք։

Դա տեղի էր ունենում քառասունչորսի հունիսին։ Այդ ընթացքում մենք հասցրել էինք Բիսկայնով դեպի վեր՝ մինչև Հոլանդիան անցնել ողջ Ատլանտյան բերդապատնեշը, մեծ մասամբ գտնվելով թիկունքում, առասպելական բունկերներում, քիչ բան տեսնելով, և միայն Տրուվիլում էր, որ մենք անմիջականորեն ծովի ափին ներկայացում տվեցինք։ Սկզբի համար մեզ առաջարկեցին ուսումնասիրել բետոնե բերդապատնեշը, և Բեբրան համաձայնվեց։ Վերջին ներկայացումը Տրուվիլում։ Գիշերը մեզ տեղափոխեցին Կաննից ոչ հեռու և ափամերձ ավազաբլուրներից չորս կիլոմետր հեռու գտնվող Բավեն գյուղակը։ Մեզ տեղավորեցին գյուղացիների մոտ։ Շատ վարելահող, կենդանի ցանկապարիսպներ, խնձորենիներ։ Այնտեղ խնձորի օղի՝ կալվադոս են թորում։ Մենք այդ կալվադոսից խմեցինք, իսկ հետո շատ լավ քնեցինք։ Ծակծկող օդը հոսում էր դեպի պատուհանը, գորտերի ջրափոսը մինչև լուսաբաց առանց հանգստի կռկռում էր։ Պատահում են գորտեր, որոնք կարողանում են թմբկահարել։ Ես քնիս միջից լսում էի նրանց ու ինձ ներշնչում․ ժամանակն է, որ դու տուն գնաս, Օսկար։ Շուտով քո որդին՝ Կուրտը, կդառնա երեք տարեկան, դու պետք է նրան ապահովես թմբուկով։ Դու դա խոստացել ես նրան։ Նման ներշնչումից հետո Օսկարը մի քանի անգամ արթնանում էր, և հոգսերից հոգնած, հոր պես սկսում էր շոշափել իր շուրջբոլորը, համոզվում, որ Ռոզվիտան այնտեղ է, ներշնչում նրա բուրմունքը․ Ռոզվիտայից շատ չնչին չափով դարչինի, ծեծված մեխակի և, շատ քիչ, մշկախաղողի հոտ էր գալիս․ նա նախատոնական համեմունքների բուրմունք էր արձակում և այդ բուրմունքը պահպանում էր նույնիսկ ամռանը։

Լուսաբացի հետ գյուղացիական բակ եկավ զրահապատ փոխադրիչ մեքենան։ Մեզ՝ բակամուտքի մոտ կանգնածներիս, պատել էր դողը, վաղ էր, թարմ էր, մենք զրուցում էինք՝ հաղթահարելով ծովից եկող քամին․ Բեբրան, Ռոզվիտան, Ֆելիքսը, Քիթթին, Օսկարը և այն ավագ լեյտենանտ Հերցոգը, որը պատրաստվում էր մեզ տանել Կաբուրից արևմուտք գտնվող իր մարտկոցը։

Ասելով, որ Նորմանդիան կանաչ գույնի է, ես դրանով իսկ չհիշատակեցի այն բծավոր, սպիտակաշագանակագույն անասուններին, որոնք նետի պես ուղիղ մայրուղու աջ ու ձախ ընկած կողմերում իրենց մասնագիտական որոճողական պարտականություններն էին կատարում ցողից թացացած, փոքր ինչ մառախլապատ արոտավայրերում։ Եվ մեր զրահապատված անձնակազմը ընթանում էր այն անվրդովությամբ, որը կարող էր ստիպել, որպեսզի ամոթից կարմրեն այդ զրահը ծածկող տերևները, եթե որևէ մեկը չկռահեր դրանք ժամանակին ներկաքողարկել։

Բարդի, կենդանի ցանկապատնեշ, տարածված թփուտ, ծովափնյա առաջին հյուրանոցներ՝ անհրապույր, դատարկ, քամուց շրխկացող պատուհանների փեղկերով․ մենք թեքվեցինք զբոսավայրի կողմը, դուրս եկանք և ավագ լեյտենանտի ետևից, որը կապիտան Բեբրայի հանդեպ ցուցաբերում էր թեև հանդուրժողական, սակայն լիովին պաշտոնական վերաբերմունք, սկսեցինք քայլել ավազաբլուրների միջով՝ ավազով և ալեբախության աղմուկով հագեցած քամուն ընդառաջ։

Օ, ոչ, դա հեզահամբյուր Բալթիկ ծովը չէր, որ սպասում էր ինձ իր շշագույն֊կանաչ ալիքի օրիորդական հեծկլտանքներով։ Այստեղ Ատլանտիկան օգտագործում էր իր վաղնջական խուսավարումը․ մակընթացության ժամանակ նետվում էր առաջ, տեղատվության ժամանակ՝ նահանջում։

Եվ ահա մենք դա՝ այդ բետոնը տեսանք։ Մեզ թույլատրված էր աչքներս չռած նայել ու սքանչանալ․ բետոնը լռում էր։

― Զգա՛ստ, ― գոռաց ինչ֊որ մեկը բետոնի մեջ, այնուհետև ոմն երկարավիզ դուրս վազեց այն բունկերի միջից, որը նման էր վերևից հարթուկված կրիայի, տեղավորված էր երկու ավազաբլուրների միջև, կրում էր «Դորա֊յոթ» անունը և հրակնատների դիտաճեղքերից, ինչպես նաև փոքր տրամաչափի մետաղական մասերից, հետևում էր մակընթացությանն ու տեղատվությանը։ Այն մարդուն, որը զեկուցում էր ավագ լեյտենանտ Հերցոգին, ինչպես նաև կապիտան Բեբրային, կոչում էին ավագ եֆրեյտոր Լանքես։

Լանքես «պատիվ տալով)։ Դորա֊յոթ, մեկ ավագ եֆրեյտոր, չորս շարքային։ Ոչ մի առանձնահատուկ իրադարձություն։

Հերցոգ։ Շնորհակալություն։ Ավագ եֆրեյտոր Լանքես, ազատ։ Դուք լսեցիք պարոն չորսին․ ոչ մի առանձնահատուկ իրադարձություն։ Եվ սա արդեն շարունակվում է քանի տարի։

Բեբրա։ Ծայրահեղ դեպքում՝ մակընթացություն և տեղատվություն։ Բուն բնության երևույթը։

Հերցոգ։ Հենց դա է մեր մարդկանց գլխավոր հոգսը։ Ահա թե ինչու ենք մենք մեկը մյուսի կողքին բունկերներ կառուցում։ Մենք, եթե կարելի է այսպես արտահայտվել, գնդակոծման գոտում միմյանց կողք֊կողքի։ Շուտով ստիպված կլինեինք մի քանի բունկեր պայթեցնել, որպեսզի տեղ ազատենք նոր բետոնի համար։

Բեբրա։(Ոտքերով բետոնին թփթփացնելով, ընդ որում՝ նրա խմբի անդամները ևս անում են նույն բանը)։ Իսկ պարոն ավագ լեյտենանտը հավատո՞ւմ է բետոնին։

Հերցոգ։ Դե դա այնքան էլ համապատասխան բառ չէ։ Մենք այստեղ այլևս արդեն գրեթե ոչնչի չենք հավատում։ Ի՞նչ կասեք Լա՛նքես։

Լանքես։ Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ, ոչ մի բանի։

Բեբրա։ Սակայն նրանք մտադրություն ունեն և տոփանում են հողը։

Հերցոգ։ Թող դա մնա մեր մեջ․ այդ ընթացքում նրանք փորձ են ձեռք բերում։ Առաջ ես շինարարությունից ոչինչ չէի հասկանում, մի քիչ համալսարանում էի սովորել, իսկ ամեն ինչ սկսվեց հետո։ Հույս ունեմ, որ պատերազմից հետո ինձ պետք կգա ցեմենտի հետ աշխատելու փորձը։ Չէ՞ որ ստիպված ենք լինելու մեր հայրենիքում ամեն ինչ նորից կառուցել։ Դուք միայն մոտիկից նայեք բետոնին։ (Բեբրան ու նրա մարդիկ քթները խոթում են բետոնի մեջ)։ Դե, և ինչ եք դուք տեսնո՞ւմ։ Խեցիներ։ Հումքը ուղղակի ոտքերի տակ ընկած է։ Վերցրու ու խառնիր։ Քարեր, խխունջներ, ավազ, ցեմենտ․․․ Ձեզ էլ ինչ ասեմ, պարոն կապիտան․․․ Դուք որպես դերասան, որպես արվեստի մարդ, սա պետք է հասկանաք։ Լանքես, հլը մի պարոն կապիտանին պատմիր, թե մենք ինչ տոփանեցինք բունկերի մեջ։

Լանքես։ Լսում եմ, պարոն ավագ լեյտենանտ։ Հրամայված է պարոն կապիտանին պատմել, թե մենք ինչ տոփանեցինք բունկերի մեջ։ Մենք նրա մեջ բետոնավորեցինք դեռահաս շնիկներին։ Յուրաքանչյուր բունկերի հիմքի մեջ՝ ահա թե որտեղ է թաղված շունը։

Բեբրայի մարդիկ։ Շան ձագի՞ն։

Լանքես։ Կաննից սկսած մինչև Հավր ընկած ծովափի հատվածում շուտով ոչ մի շուն չի մնա։

Բեբրայի մարդիկ։ Ոչ մի շան ձագ։

Լանքես։ Ահա թե որքան փութաջան ենք մենք։

Բեբրայի մարդիկ։ Այդքան փութաջան եք։

Լանքես։ Շուտով մենք ստիպված կլինենք անցնել կատվի ձագերին։

Բեբրայի մարդիկ։ Մյաու։

Լանքես։ Սակայն կատուները այնքան լիարժեք չեն, ինչպես շները։ Հենց այդ պատճառով էլ մենք հույս ունենք, որ իրադարձությունները շուտով կսկսվեն։

Բեբրայի մարդիկ։ Գալա համերգ։

Ծափահարություններ։

Լանքես։ Մենք արդեն բավարար չափով պարապել ենք։ Եվ եթե մենք այլևս շներ չունենանք․․․

Բեբրայի մարդիկ։ Օ՛֊օ֊օ։

Լանքես։ ․․․ մենք այլևս չենք կարողանա բունկերներ կառուցել։ Որովհետև կատուները լավ բան չեն բերի։

Բեբրայի մարդիկ։ Մյաու, մյաու։

Լանքես։ Սակայն եթե պարոն կապիտանը կամենա համառոտ տեղեկանալ, թե ինչու դեռատի շներին․․․

Բեբրայի մարդիկ։ Շան ձագերին․․․

Լանքես։ Կարող եմ միայն մեկ բան ասել․ ես դրան չեմ հավատում։

Բեբրայի մարդիկ։ Ֆու։

Լանքես։ Սակայն մեր զինվորները մեծ մասամբ գյուղից են։ Իսկ նրանց մոտ մինչ օրս էլ ընդունված է, որ երբ տուն են կառուցում կամ ցախանոց, կամ եկեղեցի, հիմքի հատվածում պետք է մի ինչ֊որ կենդանի մարմին խառնել և․․․

Հերցոգ։ Բավական է խոսեք, Լանքես։ Ազա՛տ։ Կարճ ասած, ինչպես պարոն կապիտանը արդեն կամեցավ նկատել, այստեղ, Ատլանտյան բերդապատնեշի մոտ մենք, այսպես ասած, հարգանքի տուրք ենք մատուցում սնահավատություններին։ Ասենք, ճիշտ նույն կերպ, ինչպես ձեզ մոտ՝ թատրոնում․ առաջին ներկայացումից առաջ չի կարելի սուլել կամ մինչև սկիզբը դերասանը պետք է թքի ձախ ուսի վրայով։

Բեբրայի մարդիկ։ Թու, թու֊թու (թքում են միմյանց ուսերի վրայով)։

Հերցոգ։ Բայց, թողնենք կատակները։ Չի կարելի խլել մարդկանց հաճույքը։ Բարձրագույն հրամանով կարգադրված է ներողամտորեն վերաբերվել նույնիսկ այն հանգամանքին, որ վերջին ժամանակներս նրանք սկսել են բունկերների ելքերը զարդարել խեցե խճապատկերներով կամ բետոնե զարդաքանդակներով։ Մարդիկ ցանկանում են ինչ֊որ բանով զբաղվել։ Եվ ես չեմ հոգնում պնդել մեր պետին, որին զայրացնում են բետոնե ոլորագծերը․ ավելի լավ են, պարոն մայոր, բետոնե ոլորագծերը, քան ոլորագծերը ուղեղի մեջ։ Մենք՝ գերմանացիներս, ոսկի ձեռքեր ունենք, ինչ արած ստիպված ենք այս կերպ վարվել։

Բեբրա։ Մենք էլ ահա մեր կողմից ենք ձգտում զվարճացնել բանակին, որն Ատլանտյան բերդապատնեշի այս կողմում սպասում է․․․

Բեբրայի մարդիկ։ Բեբրայի ռազմաճակատային թատրոնը երգում է ձեզ համար, նվագում է ձեզ համար, օգնում, որ դուք վերջնական հաղթանակի հասնեք։

Հերցոգ։ Դուք և ձեր մարդիկ կատարելապես ճիշտ եք տրամաբանում։ Սակայն միայն թատրոնը այստեղ քիչ է։ Մենք այստեղ մեծ մասամբ գտնվում ենք լիակատար միայնակության մեջ, ահա և ինքներս մեզ օգնում ենք ինչպես կարողանում ենք։ Ինչ կասեք, Լանքես։

Լանքես։ Ճիշտ այդպես, պարոն ավագ լեյտենանտ։ Օգնում ենք մեզ, ինչպես կարողանում ենք։

Հերցոգ։ Դուք լսո՞ւմ եք։ Եվ հուսով եմ, պարոն կապիտանը ինձ կների՝ ես դեռ պետք է լինեմ Դորա֊չորրրոդում և Դորա֊հինգերորդում։ Իսկ դուք կարող եք ուսումնասիրել բետոնը, այստեղ տեսնելու բան կգտնվի։ Լանքեսը ձեզ ամեն ինչ ցույց կտա։

Լանքես։ Լսում եմ, կա, ամեն ինչ ցույց տալ, պարոն ավագ լեյտենանտ։

Հերցոգը և Բեբրան փոխանակում են զինվորական ողջույններ։ Հերցոգը գնում է դեպի աջ, Ռոզվիտան, Օսկարը, Ֆելիքսը և Քիթթին, որոնք այդ ողջ ժամանակ կանգնած էին Բեբրայի ետևում, թռչում են առաջ։ Օսկարը բռնել է իր թիթեղյա թմբուկը, Ռոզվիտան՝ մթերքներով զամբյուղը, Ֆելիքսը և Քիթթին դժվարությամբ մագլցում են բունկերի բետոնապատ տանիքի վրա և այնտեղ սկսում մարմնամարզական վարժություններ անել։ Օսկարն ու Ռոզվիտան դույլիկով ու գոգաթիակով բունկերի կեղքի ավազների մեջ սկսում են խաղալ, փոխադարձ սեր են պատկերում, աղմկում և ջղայնացնում են Ֆելիքսին ու Քիթթիին։

Բեբրան անփութորեն, բունկերը բոլոր կողմերից ուսումնասիրելով ասում է․ «Ասացեք, խնդրեմ, ավագ եֆրեյտոր, իսկ ըստ էության ո՞վ եք դուք մասնագիտությամբ»։

Լանքեմ։ Գեղանկարիչ, պարոն կապիտան, սակայն դա արդեն վաղուց է եղել։

Բեբրա։ Դուք ուզում եք ասել ներկարա՞ր։

Լանքես։ Նաև ներկարար, սակայն ավելի շատ՝ կտավներ։

Բեբրա։ Լսեք, լսեք։ Դրանից հետևում է, որ դուք, եթե Աստված հաջողի, գնում եք մեծ Ռեմբրանդի կամ, ասենք, Վելասկեսի հետքերով։

Լանքես։ Ավելի լավ է ասենք՝ մեկի ու մյուսի միջև։

Բեբրա։ Սակայն, մարդ արարած, այդ դեպքում հանուն ինչի՞ եք դուք բետոն խառնում, բետոն տոփանում, բետոն պահպանում։ Ձեզ պետք է տեղափոխել քարոզչության վաշտ։ Մեզ զինվորական նկարիչներ չափից դուրս շատ են պետք։

Լանքես։ Դժվար թե ես ձեզ հարմար լինեմ, պարոն կապիտան։ Ներկայիս ճաշակներին համապատասխան՝ ես շեղամույթ եմ նկարում։ Իսկ պարոն կապիտանի մոտ չի՞ գտնվի, արդյոք, ավագ եֆրեյտորի համար մի սիգարետ։

(Բեբրան նրան է մեկնում սիգարետը։)

Բեբրա։ Շեղամույթը ժամանակակից արվեստ է նշանակում։

Լանքես։ Ի՞նչ կապ ունի այստեղ ժամանակակիցը։ Դեռ այն բանից առաջ, երբ հայտնվեցին սրանք իրենց բետոնով, շեղամույթը արդեն վաղուց էր ժամանակակից համարվում։

Բեբրա։ Ախ, ահա թե ինչպե՜ս։

Լանքես։ Այո, հենց այդպես։

Բեբրա։ Միգուցե դուք ցեմենտե խմորի վրա մաստեխինո՞վ եք նկարում։

Լանքես։ Եվ դա՝ նույնպես։ Ես, զուտ մեքենայնորեն, փորձում եմ նաև բութ մատով, կոճակներ ու մեխեր եմ կպցնում, իսկ մինչև երեսուներեքը ես մի ժամանակահատված ունեցա, երբ փշալարը անց էի կացնում խրուկաներկի միջով։ Թերթերում լավ արձագանքներ եղան։ Այժմ դրանք կախված են շվեյցարացի մի հավաքորդի անձնական հավաքածուում։ Նա փոքր գործարանատեր է։

Բեբրա։ Ախ, այս պատերազմը, այս սարսափելի պատերազմը։ Նշանակում է, այժմ դուք բետոն եք տոփանում։ Ձեր տաղանդը վատնում եք ամրաշինական աշխատանքների վրա։ Ճիշտ է, ժամանակին այդ նույն բանը Լեոնարդոն ու Միքելանջելոն էլ են արել։ Նրանք մեքենաներ են ծրագրավորել և ամրոցապարսպի աշտարակներ են կառուցել, երբ աստվածամայրերի պատվերներ չեն ունեցել։

Լանքես։ Դուք տեսնում եք։ Ինչ֊որ մի սողանցք միշտ էլ կգտնվի։ Եվ նա, ով իրական արարիչ է, այսպես թե այնպես կբացահայտի իրեն։ Միգուցե պարոն կապիտանը կամենա՞ դիտել բունկերի մուտքի վերևի զարդաքանդակը, որը, իմիջիայլոց, ես եմ պատրաստել։

Բեբրա։ Հիմնավոր ուսումնասիրությունից հետո․ ուղղակի զարմանահրաշ է։ Ձևերի ինչպիսի՜ հարստություն, արտահայտչականության ինչպիսի՜ կտրուկ ուժ։

Լանքես։ Այս ոճը կարելի է «կառուցվածքային կազմավորություններ» անվանել։

Բեբրա։ Իսկ ձեր արարչությունը կամ կտավը անվանում ունի՞։

Լանքես։ Բայց չէ՞ որ ես ասացի կազմավորություններ, ըստ իս, այն կարելի է շեղաչք կազմավորություններ անվանել։ Նոր ոճ է։ Նման բան դեռևս ոչ ոք չի պատրաստել։

Բեբրա։ Սակայն, այնուամենայնիվ, հատկապես այն պատճառով, որ դուք արարիչ եք, դուք պետք է ձեր ստեղծագործությանը մի ինչ֊որ ինքնատիպ անվանում տաք։

Լանքես։ Անվանում, անվանում, ինչի՞ են դրանք պետք։ Դրանք հենց այն պատճառով են միայն հորինում, որ ցուցահանդեսի համար գրացուցակներ են անհրաժեշտ։

Բեբրա։ Դուք ուղղակի կոտրատվում եք, Լանքես։ Փորձեք իմ մեջ տեսնել արվեստի երկրպագուի, այլ ոչ թե կապիտանի։ Էլի՞ մի սիգարետ (Լանքեսը վերցնում է։) Այսպիսո՞վ․․․

Լանքես։ Դե, եթե դուք այդ կողմից եք մոտենում․․․ Դե լավ։ կարճ ասած․ Լանքեսն այսպես էր մտածում․ երբ այստեղ ամեն ինչ ավարտվի, բունկերները կմնան կանգուն, որովհետև բունկերները մնում են, նույնիսկ երբ մնացած ամեն ինչը փլվում է։ Եվ այդտեղ կգա ժամանակը։ Ես ուզում եմ ասել (նա թաքցնում է վերջին սիգարետը), որ կգան դարերը։ Իսկ պարոն կապիտանի մոտ մեկ սիգարետ ևս չի՞ գտնվի։ Խոնարհաբար շնորհակալ եմ։ Դարերը կգան և դարերը կգնան, սակայն բանակները կմնան, ինչպես մնացել են բուրգերը, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Եվ այդ ժամանակ մի հրաշալի օր կհայտնվի այսպես ասած հնություններ ուսումնասիրող ու կմատծի․ ի՜նչ աստիճան աղքատ էր արվեստով այն ժամանակաշրջանը, Առաջին և Յոթերորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանը․ բութ գորշ բետոն՝ տեղ֊տեղ բունկերների մուտքերի վերևներում ժողովրդական ոգով անօգնական, մակերեսային գիտելիքներ ունեցող մակարդակով ոլորագծեր, և հանկարծ Դորա֊չորրորդի, Դորա֊հինգերորդի, Դորա֊վեցերորդի, Դորա֊յոթերորդի մոտ նա կտեսնի իմ կառուցվածքային կազմավորությունները և իրեն կասի՝ իսկ սա ի՞նչ բան է։ Հետաքրքիր է, հետաքրքիր է։ Ես կհամարձակվեմ նույնիսկ պնդել՝ մոգական է, ահարկու և միևնույն ժամանակ՝ սրաթափանց հոգեվիճակ։ Այստեղ արարել է հանճարը, հնարավոր է, որ սա XX դարի միակ հանճարն է, որ արտահայտվել է միանշանակ և բոլոր ժամանակների համար։ Իսկ ունի՞, արդյոք, այս արարումը անուն։ Իսկ չե՞նք գտնի մենք ինչ֊որ տեղ վարպետին։ Եվ եթե պարոն կապիտանը ավելի ուշադիր զննի՝ գլուխը ուսի վրա խոնարհելով, ապա երկու կազմավորությունների և թեթևակի կտրվածքի միջև կտեսնի․․․

Բեբրա։ Իմ ակնոցը․․․ Օգնե՛ք ինձ, Լանքե՛ս։

Լանքես։ Այսպիսով, այնտեղ գրված է․ Հերբերթ Լանքես, հազար ինը հարյուր քառասունչորս թիվ։ Անվանումը՝ Առեղծվածայնորեն֊Բարբարոսաբար֊Ձանձրալի։

Լանքես։ Ինչպես տեսնում եք։

Բեբրա։ Հնարավոր է, որ հինգ հարյուր տարի կամ նույնիսկ հազար տարի անց կատարվելիք վերականգնողական աշխատանքների ժամանակ բետոնի մեջ շան ոսկորներ հայտնաբերվեն։

Լանքես։ Ինչը ավելորդ անգամ կհաստատի իմ տված անվանումը։

Բեբրա։ Ա՜խ, ի՜նչ է ժամանակը և ի՜նչ էինք մենք, ի՛մ սիրելի ընկեր, եթե չլինեին մեր ստեղծագործությունները․․․ Սակայն նայե՛ք, Ֆելիքսը և Քիթթին՝ իմ մարմնամարզիկները։ Նրանք թավալ են գալիս բետոնի վրա։

(Քիթթին արդեն երկար ժամանակ մի ինչ֊որ թղթի կտոր պտույտ է տալիս Ռոզվիտայից դելի Օսկարը, Ֆելիքսից դեպի Քիթթին, նրանք դրա վրա ինչ֊որ բան են գրում։ Քիթթին՝ սաքսոնական թեթև բառբառով։ Դուք տեսնում եք, պարոն Բեբրա, ինչ ասես որ չես անի բետոնի վրա (քայլում է ձեռքերի վրա)։

Ֆելիքս։ ― Դուք դեռ բետոնի վրա սալտո֊մորտալե չեք տեսել (գլուխկոնծի է տալիս)։

Քիթթի։ Դրա փոխարեն այստեղ այնքան էլ շոգ չէ, և գարշահոտ էլ չի գալիս, ինչպես այդ հիմարավուն կինոներում (հանգուցաձև գալարվում է)։

Ֆելիքս։ Մենք այստեղ՝ վերևում, նույնիսկ մի բանաստեղծություն հորինեցինք։

Ինչո՞ւ «մենք»։ Դա Օսկարելլոն և սինյորա Ռոզվիտան հորինեցին։

Ֆելիքս։ Բայց չէ՞ որ, երբ հանգավորմամբ չէր ստացվում, մենք էլ էինք օգնում։

Քիթթի։ Մեզ ընդամենը մեկ բառ է պակասում, և բանաստեղծությունն արդեն պատրաստ կլինի։

Ֆելիքս։ Օսկարելլոն կկամենար իմանալ, թե ինչպե՞ս են կոչվում ծովափի այդ ցողունիկները։

Քիթթի։ Որովհետև դրանք պետք է մտցնել բանաստեղծության մեջ։

Ֆելիքս։ Եթե ոչ, ապա մի շատ կարևոր բան կպակասի։

Քիթթի։ Դե՛, մեզ ասացե՛ք, պարո՛ն զինվոր, դե ինչպե՞ս են նրանք՝ այդ ցողունիկները անվանվում։

Ֆելիքս։ Իսկ միգուցե նա իրվունք չունի՞, որովհետև թշնամին լսում է քեզ։

Քիթթի։ Բայց չէ՞ որ մենք այլևս ոչ մեկին չենք պատմի։

Ֆելիքս։ Մենք միայն այն պատճառով ենք հարցնում, որ առանց դրա արվեստի հարցում ոչինչ չի ստացվի։

Քիթթի։ Ա՜խր, նա՝ մեր Օսկարելլոն, շատ ջանք է թափում։

Ֆելիքս։ Իսկ գոթական տառերով որքա՞ն գեղեցիկ է նա կարողանում գրել։

Քիթթի։ Եվ որտե՞ղ է նա այդքան լավ սովորել, կուզենայի ես իմանալ։

Ֆելիքս։ Նա միայն մեկ բան չգիտի, թե ինչպես են անվանվում ցողունիկները։

Լանքես։ Եթե պարոն կապիտանը դեմ չէ․․․

Բեբրա։ Դե, եթե միայն դա այնպիսի ռազմական գաղտնիք չէ, որը կարող է ազդեցություն ունենալ պատերազմի արդյունքի վրա։

Ֆելիքս։ Դե, եթե Օսկարելլոն հետաքրքրվում է․․․

Քիթթի։ Եթե առանց դրա բանաստեղծությունը չի ստացվի․․․

Ռոզվիտա։ Եթե մեզ բոլորիս համար այդքան հետաքրքիր է․․․

Բեբրա։ Եթե ես հրամայում եմ ձեզ․․․

Լանքես։ Դե լավ։ Մենք դրանք կառուցել ենք տանկերի ու դեսանտային նավակների հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար։ Եվ քանի որ նա նման տեսք ունի՝ մենք այն «Ռոմելիայի պահակախումբ» ենք անվանում։

Ֆելիքս։ Ռոմելիա։

Քիթթի։ Ծնեբեկ։ Օսկարելլո՛, դա քեզ հարմա՞ր է։

Օսկար։ Այո, այն էլ ինչպե՛ս։ (Բառը գրում է թղթին, բանաստեղծությունը փոխանցում է Քիթթին, որը կանգնած է բունկերի վրա։ Նա ավելի շատ է գալարով հանգուցվում և, ինչպես դասի ժամանակ, գրատախտակի մոտ սկսում է արտասանել հետևյալ բանաստեղծությունը)․

Քիթթի․


«Ատլանտյան հողապատնեշի վրա»

Դեռ ականներ ենք մենք քողարկում,

Բետոն ու ծնեբեկ ենք տոփանում,

Բայց դեպ բաճկոնների երկիր ենք գնում,

Ի՜նչ կիրակի՝ առանց ձվածեղի։ Ուրբաթ օրերին՝ ձկնապուր։

Մենք կգնայինք բիդերմայերի մոտ։


Էլի պատնեշի այն կողմում ենք քնում,

Էլի ականներ ենք խեղդում զուգարանում,

Էլի զրույցների մասին ենք երազում,

Կեգլի, աղավնի, հարևանուհիներ են երազում։

Կոյուղու խողովակի գալարն ենք ուսումնասիրում,

Մենք կգնայինք բիդերմայերի մոտ։


Էլի հողն ինչ֊որ մեկին թաքցնում,

Էլի է մեկի մայրը լաց լինում,

Պարաշյուտների մետաքսների տակ,

Ուր ծալքազարդերն են հավաքված փնջով,

Մահը կուրծք է զարդարում փետուրներով,

Իսկ մենք գնում ենք բիդերմայերի մոտ։


(Բոլորը, այդ թվում նաև Լանքեսը, ծափահարում են։)

Լանքես։ Իսկ հիմա մեզ մոտ տեղատվություն է։

Ռոզվիտա։ Այս դեպքում իսկական ճաշելու ժամն է։ (Նա վեր է վարձրացնում մթերքներով լի մեծ զամբյուղը։ Զամբյուղը զարդարված է ժապավեններով ու արհեստական ծաղիկներով։)

Քիթթի։ Կեցցե՛ս։ Բացօթյա ճաշ։

Ֆելիքս։ Դա բնությունն է գրգռում մեր ախորժակը։

Ռոզվիտա։ Օ՜, ուտելիքի սրբագործություն, որ միավորում է ազգերը մինչ կերուխումի ավարտը։

Բեբրա։ Կուտենք բետոնի վրա։ Դա հուսալի հիմք է։

(Լանքեսից բացի, բոլորը մագլցում են բունկերի վրա։ Ռոզվիտան փռում է ուրախ ծաղիկներով սփռոցը։ Նա իր անծայրածիր զամբյուղից զարդափնջերով ու ծոպավոր ժապավեններով բարձիկներ է դուրս բերում։ Բացված է արևից պաշտպանվելու վարդագույն֊բաց կանաչ հովանոցը, լարվել է շեփորով փոքրիկ գրամոֆոնը։ Բաժանված են ափսեիկները, գդալիկները, դանակները ձվերի համար, անձեռոցիկները։)

Ֆելիքս։ Եդ լյարդի պաշտետ կուտեի։

Քիթթի։ Իսկ ձեզ մոտ չի՞ մնացել այն ձկնիկներից, որը մենք Ստալլինգրադից փրկեցինք։

Օսկար։ Ռոզվիտա, իզուր ես դու դանիական կարագը այդքան հաստ քսում։

Բեբրա։ Շատ խելամիտ է, տղա՛ս, որ դու հոգ ես տանում նրա կազմվածքի մասին։

Ռոզվիտա։ Իսկ եթե ինձ համար համեղ է և օգտակար, այդ դեպքում ինչպե՞ս անենք։ Օ՜֊օ՜։ Հենց հիշում եմ հարված սերուցքով տորթի մասին, որով մեզ Կոպենհագենի օդաչուները հյուրասիրեցին․․․

Բեբրա։ Իսկ թերմոսի մեջ շոկոլադը ամենևին էլ չէր սառել։

Քիթթի։ Իսկ ես շատ պարզորոշ սիրահարված եմ ամերիկյան պաքսիմատներին։

Ռոզվիտա։ Միայն այն ժամանակ, երբ նրանց վրա կարելի է հարավաֆրիկյան կոճապղպեղի պովիդլո քսել։

Օսկար։ Ոչ այդքան թանձր, Ռոզվիտա, խնդրում եմ քեզ։

Ռոզվիտա։ Իսկ դու ինքդ այդ անգլիական շոգեխաշած գարշելի մսից ինչ հաստ կտորներ ես վերցնում։

Բեբրա։ Հե՜յ, պարոն զինվոր։ Չամիչով ու դեղնաշլորի ջեմով հացի մի բարակ կտոր չե՞ք կամենում։

Լանքես։ Եթե ես ծառայության մեջ չլինեի, պարո՛ն կապիտան․․․

Ռոզվիտա։ Այդ դեպքում նրան հրաման տուր։

Քիթթի։ Այո՛, այո՛, հրաման։

Բեբրա։ Այսպես, ավագ եֆրեյտո՛ր Լանքես, ես հրամայում եմ ձեզ սնունդի մեջ օգտագործել չամիչով հաց, որի վրա քսված է դեղնաշլորով ֆրանսիական ջեմ, դանիական թերխաշ ձու, խորհուրդ եմ տալիս խորհրդային ձկնկիթ և մեկ գավաթ հոլանդական շոկոլադ։

Լանքես։ Լսում եմ, պարո՛ն կապիտան։ Կա՛ սնունդի մեջ օգտագործել։ (Բոլորի նման նստում է բունկերի վրա։)

Բեբրա։ Մի՞թե մենք պարոն զինվորի համար բարձիկ չունենք։

Օսկար։ Թող իմը վերցնի։ Իսկ ես թմբուկի վրա կնստեմ։

Ռոզվիտա։ Միայն թե չմրսես, ի՛մ գանձ։ Բետոնը նենգ բան է, իսկ դու դրան սովոր չես։

Քիթթի։ Այդ դեպքում թող իմ բարձը վերցնի, ես թեթևակի հանգույցով կպտտվեմ, մեղրով հացն էլ միաժամանակ ավելի լավ կուլ կգնա։

Ֆելիքս։ Միայն թե այդ ամենը սփռոցի վերևում արա, որպեսզի բետոնը մեղրով չաղտոտես։ Թե չէ դա կլինի մարտական հզորությանը հասցված վնաս (բոլորը շաղ են տալիս)։

Բեբրա։ Ա՜խ, որքան օգտակար է ծովի օդը։

Ռոզվիտա։ Այո՛, շատ օգտակար է։

Բեբրա։ Կուրծքդ հարթվում է։

Բեբրա։ Սիրտը փոխում է թաղանթը։

Ռոզվիտա։ Այո՛, փոխում է։

Բեբրա։ Հոգին դուրս է թռչում բոժոժի միջից։

Ռոզվիտա։ Որքան է ամեն ինչ ավելի լավը դառնում ծովի հայացքի տակ։

Բեբրա։ Հայացքը ազատ ու թռչող է դառնում․․․

Ռոզվիտա։ Նա թռչում է․․․

Բեբրա։ Անափ ծովի վրայով գնում է դեպի հեռուները․․․ Ավագ եֆրեյտո՛ր Լանքես, ասացե՛ք ինձ, այդ ինչ հինգ սև բծեր եմ տեսնում ծովի ափին։

Քիթթի։ Ես էլ եմ տեսնում։ Հինգ հովանոցներով։

Ֆելիքս։ Դրանք վեցն են։

Քիթթի։ Հինգ․ մեկ, երկու, երեք, չորս, հինգ։

Լանքես։ Դա Լիզեից եկած միանձնուհիներն են։ Նրանց էվակուացրել են մանկապարտեզի հետ։

Քիթթի։ Սակայն Քիթթին երեխաներ չի տեսնում։ Նա հինգ հովանոց է տեսնում։

Լանքես։ Նրանք երեխաներին միշտ գյուղում են թողնում՝ Բավենում, իսկ իրենք տեղատվության ժամանակ միշտ գալիս են և, ռոմելյան ծնեբեկների միջև խրված, խխունջներ ու ծովախեցգետիններ են հավաքում։

Քիթթի։ Ա՜խ, ինչ խղճալի են։

Ռոզվիտա։ Գուցե նրանց շոգեխաշած միս և պաքսիմատնե՞ր առաջարկենք։

Օսկար։ Օսկարը չամիչով հաց և դեղնաշլորով ջեմ կառաջարկեր, քանի որ այսօր ուրբաթ է, և միանձնուհիներին շագեխաշած միս ուտել չի թույլատրվում։

Քիթթի։ Ահա նրանք վազեցին։ Կարծես իրենց հովանոցներով լող են տալիս։

Լանքես։ Նրանք միշտ այդպես են անում, երբ հավաքում են, որքան որ պետք է։ Այնուհետև նրանք սկսում են խաղալ։ Բոլորից առավել՝ նոր դարձի բերվածը՝ քույր Ագնետկան, դեռահաս մի աղջիկ, նա դեռ ոչինչ չի հասկանում, իսկ այ եթե պարոն կապիտանի մոտ ավագ եֆրեյտորի համար էլի մեկ սիգարետ գտնվեր․․․ Խոնարհաբար շնորհակալ եմ։ Իսկ այն մեկը, որը ետևում է, գերը, նա դեռ նրանց ետևից էլ չի հասցնում, դա մայրապետ մայր Սխոլաստիկան է։ Նա չի ցանկանում, որպեսզի քույրերը ծովի ափին խաղան։ Հնարավոր է, որ դա դեմ է նրանց միաբանության կանոններին։ (Ետին պլանով վազելով անցնում են հովանոցներով միանձնուհիները։ Ռոզվիտան միացնում է գրամոֆոնը։ Հնչում է «Սահնակներով Պետերբուրգում սահելը»։ Միանձնուհիները դրա տակ պարում են և միմյանց ձայն տալիս)։

Ագնետկա։ Է՜յ, քո՛ւյր Սխոլաստիկա։

Սխոլաստիկա։ Ագնե՛տկա։ Քո՛ւյր Ագնետկա։

Ագնետկա։ Այո՛, այո՛, քո՛ւյր Սխոլաստիկա։

Սխոլաստիկա։ Ե՛տ եկեք, զավա՛կս։ Քո՛ւյր Ագնետկա։

Ագնետկա։ Չե՛մ կարող։ Ոտքերս իրենք են ինձ տանում։

Սխոլաստիկա։ Այդ դեպքում աղոթե՛ք, քո՛ւյր, որպեսզի շուռ գաք։

Ագնետկա։ Ցավագին։

Սխոլաստիկա։ Ոչ բարեպարգև։

Ագնետկա։ Ուրախություն պարգևո՞ղ։

Սխոլաստիկա։ Դե՛, աղոթե՛ք վերջապես, քո՛ւյր Ագնետկա։

Ագնետկա։ Ես այդպես էլ աղոթում եմ, աղոթում եմ։ Իսկ ոտքերս ինձ ավելի ու ավելի հեռու են տանում։

Սխոլաստիկա։ (Քիչ ավելի ցածր): Ագնետկա։

Ագնետկա։ Է՜յ, քո՛ւյր Սխոլաստիկա։

(Միանձնուհիներն անհետանում են։ Միայն ժամանակ առ ժամանակ ետին պլանի վրա կարճ ժամանակով երևում են նրանց հովանոցները։ Ձայնասկավառակը ավարտվում է։ Բունկերի մուտքի մոտ զանգում է դաշտային հեռախոսը։ Լանքեսը ցած է թռչում բունկերի տանիքից, վերցնում է լսափողը, մնացածները շարունակում են ուտել)։

Ռոզվիտա։ Ո՞վ կմտածեր, որ այստեղ, անսահման բնության կենտրոնում, հեռախոս լիներ։

Լանքես։ Դորա֊յոթը լսում է։ Ավագ եֆրեյտոր Լանքե՛ս։

Հերցոգ (Հեռախոսի լսափողը ձեռքին դանդաղ դուրս է գալիս աջ կողմից, ընթացքում հաճախ կանգ է առում և խոսափողի մեջ ասում)։ Դուք ինչ է, քնե՞լ եք, ավագ եֆրեյտոր Լանքես, երբ Դորա֊յոթի դիմաց այդքան աշխույժ շարժում է։ Անզեն աչքով է տեսանելի։

Լանքես։ Դա միանձնուհիներն են, պարոն ավագ լեյտենանտ։

Հերցոգ։ Ի՞նչ միանձնուհիներ։ Իսկ եթե դրանք ամենևին էլ միանձնուհիներ չե՞ն։

Լանքես։ Սակայն նրանք միանձնուհիներ են։ Անզեն աչքով է երևում։

Հերցոգ։ Դուք ի՞նչ է, ոչ մի անգամ քողարկման մասին չե՞ք լսել։ Հինգերորդ շարասյան մասի՞ն։ Առաջին հարյուրամյակը չէ, որ անգլիացիները այդպես են գործում։ Կարծես թե Աստվածաշնչով են գալիս և հանկարծ, բարև ձեզ, պայթյուն է տեղի ունենում։

Լանքես։ Նրանք ծովախեցգետիններ են հավաքում, պարո՛ն լեյտենանտ․․․

Հերցոգ։ Որպեսզի անմիջապես մաքրես ծովափը, պա՞րզ է։

Լանքես։ Լսում եմ, պարո՛ն ավագ լեյտենանտ։ Միայն թե նրանք ուղղակի ծովախեցգետիններ են հավաքում։

Հերցոգ։ Ավագ եֆրեյտո՛ր Լանքես։ Արդեն վաղուց ժամանակն է, որ դուք սեղմեք ձգանը։

Լանքես։ Բայց նրանք ուղղակի ծովախեցգետիններ են փնտրում, քանի որ տեղատվություն է, իսկ նրանց մանկապարտեզի համար․․․

Հերցոգ։ Որպես վերադաս ես ձեզ հրամայում եմ․․․

Լանքես։ Լսում եմ, պարո՛ն ավագ լեյտենանտ։ (Թաքնվում է բունկերում։ Հերցոգը հեռախոսով կրկին գնում է դեպի աջ)։

Օսկար։ Ռոզվիտա, խնդրում եմ, սեղմիր ականջներդ։ Հիմա կսկեն կրակել ինչպես «Վոխենշաուում»։

Քիթթի։ Ա՜խ, ինչ սարսափելի՜ է։ Ես ավելի շուտ կփաթաթվեմ հանգույցով։

Բեբրա։ Ես նույնիսկ մտածում եմ, որ մենք ինչ֊որ բան կլսենք։

Ֆելիքս։ Պետք է կրկին գրամոֆոնը միացնել։ Այն ինչ֊որ բան մեղմացնում է։

(Միացնում են գրամոֆոնը, «Փլաթերս» խումբը երգում է «Մեծ խաբեբան»։ Մեղեդու հետ ներդաշնակ կտկտում է գնդացիրը։ Ռոզվիտան սեղմում է ականջները։ Ֆելիքսը կանգնած է գլխի վրա։ Ետին պլանում միանձնուհիները հովանոցների հետ երկինք են համբառնում։ Ասեղը լռվում է, սկսում է կրկնել միևնույն բանը, այնուհետև՝ լռություն։ Ֆելիքսը գլխի վրայից իջնում է ոտքերի վրա։ Քիթթին քանդում է սեփական մարմինը։ Ռոզվիտան աստիճանաբար նախաճաշի մնացորդները դնում է մթերքի զամբյուղի մեջ։ Օսկարը և Բեբրան օգնում են նրան։ Բոլորն իջնում են բունկերի տանիքից։ Բունկերի մուտքի միջից հայտնվում է Լանքեսը)։

Լանքեմ։ Միգուցե պարոն կապիտանի մոտ մի սիգարետ է՞լ գտնվի ավագ եֆրեյտորի համար։

Բեբրա։ (Նրա խումբը վախվորած սեղմվում է նրա ետևում): Իմ կարծիքով, պարոն զինվորը չափից դուրս շատ է ծխում։

Լանքես։ Այդ բոլորի պատճառը բետոնն է, պարո՛ն կապիտան։

Բեբրա։ Իսկ երբ մի անգամ ընդհանրապես բետոն չլինի՞։

Բեբրայի մարդիկ։ Բետոն ընդհանրապես չի լինի։

Լանքես։ Բետոնն անմահ է, պարո՛ն կապիտան։ Միայն մենք ու մեր սիգարետներն․․․

Բեբրա։ Գիտեմ, գիտեմ։ Ծխի հետ մեկտեղ մենք էլ ենք քշվում։

Բեբրայի մարդիկ (դանդաղ նահանջելով)։ Ծխի հետ մեկտեղ։

Բեբրա։ Իսկ ահա բետոնը մարդիկ կարող են հազար տարի հետո էլ ուսումնասիրել։

Բեբրայի մարդիկ։ Հազար տարի հետո։

Բեբրա։ Եվ կսկեն նրա մեջ շան ոսկորներ գտնել։

Բեբրայի մարդիկ։ Շան ոսկորներ։

Բեբրա։ Եվ բետոնից շեղ կազմավորություններ։

Բեբրայի մարդիկ։ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ֊ԲԱՐԲԱՐՈՍԱԲԱՐ֊ՁԱՆՁՐԱԼԻ։

(Լանքեսը մնում է միայնակ, ծխում է)։

Չնայած բետոնի վրա նախաճաշելիս Օսկարը քիչ կամ ընդհանրապես հարկ չունեցավ խոսելու՝ նա չէր կարող Ատլանտյան բերդապատնեշի այդ խոսակցությունը չձայնագրել։ Չէ՞ որ նմանատիպ խոսքեր ասվել էին դաշնակից զորքերի ափ դուրս գալու նախօրեին, և այն ավագ եֆրեյտոր ու բետոնի նկարիչ Լանքեսին էլ մենք կրկին կհանդիպենք, երբ մյուս էջերում կներբողվի ետպատերազմական ժամանակը, և այժմ արդեն շքեղ գույնով ծաղկած բիդերմայերը։

Ծովափնյա զբոսավայրում զրահամեքենան դեռ սպասում էր։ Խոշոր ոստյուններով իր ենթականերին էր մոտենում ավագ լեյտենանտ Հերցոգը։ Ծանր հևալով՝ նա Բեբրայից ներողություն խնդրեց այդ փոքր միջադեպի համար։ «Արգելված գոտին հենց արգելված գոտի է», ― ասաց նա, ինչից հետո տիկնանց օգնեց զրահամեքենայի մեջ մտնել, ինչ֊որ հանձնարարություններ տվեց վարորդին, և մենք ետադարձ ճանապարհով շարժվեցինք դեպի Բավեն։ Պետք էր շտապել։ Մենք դժվարությամբ ժամանակ գտանք ճաշելու համար, քանի որ արդեն ժամը երկուսի համար համակրելի նորմանդական ամրոցի Ասպետական դահլիճում, որը տեղակայված էր զյուղի եզրի բարդիներից այն կողմ, ներկայացում էր նշանակված։

Մեզ ընդամենը կես ժամ էր մնում լուսավորությունը փորձարկելու համար, ինչից հետո առաջիկայում Օսկարը թմբկահարության ներքո պետք է բացեր վարագույրը։ Մենք խաղում էինք ունտեր սպաների ու զինվորների համար։ Ծիծաղը հնչում էր հաճախ և կոպիտ։ Մենք էլ նրբանկատություն չէինք ցուցաբերում։ Ես ձայնովս կտրեցի ապակե գիշերային միզամանը, որի մեջ մանանեխով մի քանի նրբերշիկ էր դրված։ Հաստ շպարված Բեբրան ծաղրածուական արտասուքներ էր թափում կոտրված միզամանի վրա, այնուհետև նրա միջից հանեց նրբերշիկները, վրան մանանեխ ավելացրեց և ախորժակով կերավ՝ աղմկոտ հրճվանք առաջ բերելով զինվորական զանգվածների մոտ։ Քիթթին ու Ֆելիքսը որոշ ժամանակից ի վեր կաշվե կարճ շալվարներով ու տիրոլյան գլխարկներով էին ելույթ ունենում, ինչը նրանց մարմնամարզական համարներին առանձնահատուկ նրբերանգ էր հաղորդում։ Ռոզվիտան հագել էր իրանը պիրկ գրկող իր արծաթագույն շրջազգեստը, բաց կանաչ գույնի ձեռնոցները և փոքրիկ ոտքերին՝ ոսկե նախշակարերով սանդալները, ոչ մի անգամ չբարձրացրեց իր թեթևակի կապույտ ներկված կոպերը և իր միջերկրածովային պայծառատեսական ձայնով ցուցադրում էր իրեն բնորոշ դիվայնությունը։ Ես ասե՞լ եմ արդեն, որ Օսկարը համերգներից առաջ հագուստը փոխելու կարիք չուներ։ Ես հագա իմ հին ու բարի, վրան «ԵՎԿ Զայդլից» գրված անհովհար գդակը, ծովային ալիքի գույնի բաճկոնը, բաճկոնի տակից երևում էր գոլֆ շալվարս, բավականին մաշված կոշիկներիս մեջ կուլուլված գուլպաներս և սպիտակակարմիր լաքապատ թմուկս, որը ճիշտ նույն տեսքով հնգապատիկ անգամ վերարտադրված, որպես պահուստային հիմնամիջոց, պահվում էր իմ դերասանական ուղեբեռի մեջ։

Երեկոյան մենք ներկայացումը կրկնեցինք սպաների Կաբուրի կապի ծառայության հեռախոսավարուհիների համար։ Չգիտես ինչու Ռոզվիտան նյարդայնանում էր և, չնայած սխալներ թույլ չէր տալիս, սակայն իր համարի ժամանակ, հանկարծ դրեց իր կապույտ շրջանակով ակնոցը, փոխեց առոգանությունը, իր կանխատեսումներով դարձավ ավելի շիտակ․ օրինակ մի սփրթնած և շփոթվածությունից հանդուգն դարձած կապավորուհու ասաց, որ վերջինս սիրային կապի մեջ է իր պետի հետ։ Այդ անկեղծությունը ինձ վրա ծանր տպավորություն թողեց՝ չնայած դահլիճում հաամերաշխ ծիծաղ առաջացրեց, կասկած չկար, որ պետը նստած էր աղջկա կողքին։

Ներկայացումից հետո ամրոցում բնակավորված գնդի շտաբային սպաները ճաշկերույթ էին կազմակերպել։ Բեբրան, Քիթթին, Ֆելիքսը մնացին, իսկ Ռոզվիտան ու Օսկարը աննկատ հեռացան, մտան անկողին և այդ բետոնային իրադարձություններով լի օրվանից հետո արագ քնեցին ու արթնացան միայն առավոտյան հինգին, արթնացման պատճառը ափ իջեցման սկիզբն էր։ Ի՞նչ պատմեմ ձեզ այդ մասին։ Ռազմաճակատի մեր մասում՝ Օրնայի գետաբերանից ոչ հեռու, ափ դուրս եկան կանադացիները։ Ստիպված եղանք Բավենը թողնել։ Մենք արդեն դասավորել էինք մեր իրերը։ Նախատեսվում էր մեզ շտաբի հետ ուղարկել ետ։ Ռոզվիտան ինձ խնդրեց մեկ գավաթ սուրճ բերել, որովհետև չէր հասցրել նախաճաշել։ Փոքր ինչ նյարդայնանալով ու վախենալով, թե բեռնատարը բաց կթողնեմ՝ ես հրաժարվեցի և նույնիսկ նրա հետ որոշ չափով կոպիտ էի։ Այդ ժամանակ նա ինքը իր բարձր կրունկներով, փոքրիկ կոշիկներով ցած թռավ մեքենայից, սպասքը ձեռքին սլացավ դեպի դաշտային խոհանոցը և այնտեղ ընկած ռումբի հետ միաժամանակ հարված հասցրեց առավոտվա տաք սուրճին։

Օ, Ռոզվիտա, ես այդպես էլ չգիտեմ, թե քանի տարեկան էիր դու, գիտեմ միայն, որ իննսունինը սանտիմետր հասակ ունեիր, որ քո շուրթերով մարգարեություն էիր անում Միջերկրական ծովը, որ քեզանից դարչինի ու մշկախաղողի հոտ էր գալիս։ Որ դու կարող էիր նայել ցանկացած մարդու սրտի ներսը և միայն քո՝ սեփականի մեջ նայել չկարողացար, այլապես դու կմնայիր ինձ հետ, այլ ոչ թե կվազեիր այդ չափից դուրս տաք սուրճի ետևից։

Լիզեում Բեբրան կարողացավ մեզ համար Բեռլին մեկնելու գրավոր կարգադրություն հայթայթել։ Պարետատնից վերադառնալով՝ նա Ռոզվիտայի մահվանից հետո առաջին անգամ խոսեց։

― Մեզ՝ գաճաճներիս ու խեղկատակներիս, հարկավոր չէ պարել քարացած բետոնի վրա, որը հսկաների համար է տոփանված։ Ավելի լավ է մենք մնանք բեմի տակ, որտեղ ոչ մեկը չի կռահի մեր ներկայության մասին։

Բեռլինում ես բաժանվեցի Բեբրայից։

― Ի՞նչ պետք է դու անես բոլոր ռմբապաստարաններում՝ առանց քո Ռազվիտայի, ― հարցրեց նա նուրբ սարդային քմծիծաղով, ինչից հետո համբուրեց իմ ճակատը և որպես Դանցիգի երկաթուղային գլխավոր կայարանի բոլոր ճանապարհային փաստաթղթերով հանդերձ ինձ ուղեկցող, հրաժեշտ տվեց Քիթթիին ու Ֆելիքսին, ինչպես նաև նվիրեց դերասանական ուղեբեռից մնացած հինգ թմբուկները։ Նման ձևով հանդերձավորված, առաջվա պես ինձ հետ ունենալով իմ գիրքը, քառասունչորս թվի հունիսի տասնմեկին՝ իմ որդու ծննդյան երրորդ տարեդարձի նախօրեին, ժամանեցի իմ հայրենի քաղաք, որը նախկինի պես անվանս ու միջնադարյան էր՝ ժամը մեկ բռնկվելով իր տարբեր բարձրության զանգակատների տարբեր չափսերի զանգակների թնդյունով։


Քրիստոսի ժառանգորդը

Այսպիսով, ահա այն, վերադարձը տուն։ Ժամը քսանն անց չորս րոպեին ռազմաճակատայիններով գնացքը ժամանեց Դանցիգի գլխավոր կայարան։ Ֆելիքսն ու Քիթթին ինձ հասցրեցին Մաքս֊Հալլե֊պլաց, հրաժեշտ տվեցին, ընդ որում Քիթթին նույնիսկ արտասվեց, այնուհետև տեղեկատվական այցով գնացին Հոխշտրասեի իրենց վաչությունը, իսկ Օսկարը քսանմեկից քիչ պակաս իր ուղեբեռով քայլեց դեպի Լաբեսվիգ։

Վերադարձ տուն։ Բավականին տարածում գտած ու չափից դուրս զզվելի ավանդույթը ներկայումս մերօրյա Ոդիսևսի է վերածում ցանկացած պատանու, որը մի աննշան մուրհակ է կեղծել։ Դրա պատճառով գնացել էր արտասահմանյան լեգեոն, իսկ մեկ երկու տարի հետո, հասունանալով, վերադարձավ տուն և ամեն տեսակի կարճ հեքիաթներ է պատմում։ Ինչ֊որ մեկը ցրվածության պատճառով նստում է ոչ այն գնացքը, Ֆրանկֆուրտի փոխարեն մեկնում է Օբերհաուզեն, ճանապարհին ինչ֊ինչ արկածներ է ունենում, այլ կերպ չէր էլ կարող լինել, իսկ վերադառնալով, մի գլուխ իր շուրջը այնպիսի անուններ է շաղ տալիս, ինչպիսիք են Կիրեկեյան, Պենելոպեն և Տելեմաքը։

Օսկարը Ոդիսևս չէր, թեկուզ միայն այն պատճառով, որ վերադառնալով, ամեն ինչ գտավ նախկին դիրքում։ Նրա սիրեցյալ Մարիան, ում Ոդիսևսի իրավունքով նա պարտավոր էր անվանել Պենելոպե, ամենևին էլ պաշարված չէր վավաշոտ փեսացուներով, առաջվա պես նա մնում էր իր Մացերատի մոտ, որին ընտրել էր Օսկարի մեկնելուց շատ առաջ։ Դրանից բացի ես հույս ունեմ, որ ձեզանից այն մասի մոտ, ով դասական կրթություն է ստացել, միտք չի ծագի իմ խեղճ Ռոզվիտայի մեջ միայն նրա նախկինում պայծառատեսությամբ զբաղվելու պատճառով տենել Կիրկեային, որը խելքահան էր անում տղամարդկանց։ Եվ ի վերջո, ինչ վերաբերում է իմ որդի Կուրտին, ապա նա հանուն իր հոր մատը մատին չի խփել, իսկ դա նշանակում է, որ նա ամենևին էլ Տելեմաքը չէր՝ չնայած նա էլ չճանաչեց Օսկարին։ Իսկ եթե ուղղակի անհնար է առանց զուգադրումների բավարարվել, ընդ որում՝ ես հասկանում եմ, որ տուն վերադարձած մարդը ստիպված է համբերատարությամբ դիմանալ զուգադրումներին, ապա թող ես ձեզ համար լինեմ անառակ որդի, քանզի Մացերատը լայն բացեց դռները և ինձ ընդունեց որպես հայր, այլ ոչ որպես ենթադրյալ հայր։ Այո, նրան հաջողվեց այնքան ուրախանալ Օսկարի վերադարձի համար, նույնիսկ իսկական արցունքներով լուռ արտասվեց, որ այդ օրվանից սկսած ես ինձ ոչ միայն բացառապես Օսկար Բրոնսկի եմ անվանում, այլ նաև Օսկար Մացերատ։

Մարիան շատ ավելի հանգիստ դիմավորեց ինձ՝ չնայած չասենք, թե ոչ սիրալիր։ Նա սեղանի մոտ նստած Տնտեսական վարչության համար մթերային քարտերի կտրոններ էր կպցնում, իսկ ծխողների սեղանի վրա արդեն մի քանի փաթեթից չհանված նվերներ էին դրված փոքրիկ Կուրտի համար։ Ունենալով գործնական մտածողություն՝ նա, բնական է, որ առաջին հերթին մտածեց իմ ֆիզիկական վիճակի մասին։ Հագուստներս հանեց, ինչպես հին ժամանակներում, լողացրեց՝ չնկատելով, որ ես կարմրեցի, ինձ տնային հագուստ հագցրեց և նստեցրեց սեղանի մոտ, որտեղ այդ ընթացքում Մացերատը ինձ համար տապակած կարտոֆիլով հատ գցած ձու էր պատրաստել։ Այդ բոլորը ես ուտում էի և հետն էլ կաթ խմում, իսկ մինչ ես ուտում էի ու խմում, ինձ վրա էին թափվում հարցերը։

― Ախ, այս որտե՞ղ էիր կորել, մենք շարունակ փնտրում ու փնտրում էինք քեզ, ոստիկանությունն էլ էր խենթի պես փնտրում, մեզ նաև պարտադրեցին դատարանում երդում տալ, որ քեզ չենք թրխկացրել։ Իսկ դու տես թե որտեղ ես։ Ախ, որքան տհաճություններ ես դու մեզ պատճառել և դեռ էլի կպատճառես, որովհետև մենք պարտավոր ենք քո մասին տեղեկացնել։ Գուցե բախտդ բերի, և նրանք չցանկանան քեզ հաստատություն խցկել՝ չնայած դու արժանի ես դրան։ Ոչ մի խոսք չասացիր ու չքացար։ Մարիան ավելի խորաթափանց գտնվեց։ Իսկապես էլ տհաճություններ կային։ Առողջապահության նախարարությունից եկավ մի մարդ, եկավ և սկսեց մտերմիկ զրուցել Մացերատի հետ, սակայն ի պատասխան, Մացերատը այնքան բարձր գոռաց, որ բոլորին լսելի դարձավ։

― Այդ մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, դա ես էի կնոջս խոստացել, երբ նա պառկած էր մահվան մահճում, ես նրա համար հայր եմ, այլ ոչ թե բժշկական ոստիկանություն։

Եվ այսպես, ինձ հաստատություն չհանձնեցին։ Սակայն այդ օրվանից սկսած մենք ամեն երկու շաբաթը մեկ պաշտոնական գրություն էինք ստանում, և Մացերատը պարտավոր էր ստորագրել։ Ճիշտ է, Մացերատը չէր ցանկանում ստորագրել, սակայն ամեն անգամ նրա դեմքին մտահոգ արտահայտություն էր հայտնվում։

Օսկարը չէր ցանկանում դա այդպես թողնել, նա պարտավոր էր Մացերատի դեմքից ջնջել մտահոգ արտահայտությունը, զուր չէր նա ճառագում այն երեկոյան, երբ ես վերադարձա տուն ու ավելի քիչ տարակուսանքներ արտահայտեց, քան Մարիան և, լիովին բավարարվելով իմ բարեհաջող վերադարձով, ավելի քիչ հարցեր տվեց՝ մի խոսքով, իրեն իրական հոր նման պահեց և, երբ ինձ փոքր֊ինչ շփոթված Տրուչինսկի մայրիկի մոտ անկողին էին պառկեցնում, ասաց․

― Այ թե կուրախանա մեր Կուրտը, որ իր եղբայրը նորից հայտնվել է։ Իսկ դրան գումարած, վաղն էլ մենք դեռ նրա ծննդյան երրորդ տարեդարձը կնշենք։

Իմ որդի Կուրտը նվերների սեղանի վրա երեք մոմերով թխվածքից բացի հայտնաբերեց Գրեթխեն Շեֆլերի ձեռագործ պուլովերը, որի վրա նա ոչ մի ուշադրություն չդարձրեց, այնտեղ կար նաև մի անտանելի դեղին գնդակ, որի վրա Կուրտը անմիջապես նստեց ու սկսեց թռչկոտել, ինչից հետո այն խոհանոցային դանակաով ծակեց։ Այնուհետև նա ռետինե վերքի միջից ծծեց այն գարշելի կծվահամ հեղուկը, որը նստում է օդով լցված բոլոր գնդակների վրա։ Նոր էր գնդակը քրոնիկ ուռուցք ձեռք բերել, Կուրտը սկսեց մասերի բաժանել առագաստանավը՝ այն վերածելով ավերակի։ Նրա ձեռքի տակ դեռ անձեռնմխելի, սակայն արդեն վտանգված դրված էի պտուտակը և փոքրիկ մտրակը։

Օսկարը, որը տոնակատարությունից դեռ շատ առաջ էր մտքում պահել իր որդու ծննդյան օրը, որը ժամանակի ամենադաժան իրադարձությունների միջից շտապել էր դեպի արևելք, որպեսզի բաց չթողնի իր ժառանգորդի ծննդյան երրորդ տարեդարձը, այժմ կանգնել էր մի կողմում, նայում էր ավերածության հաղթանակին։ Հիանում էր իր տղայի վստահությամբ, իր չափսերը համեմատում էր որդու չափսերի հետ և, որոշ ժամանակ խորհելուց հետո իրեն խոստովանեց․ մինչ դու բացակայում էիր, Կուրտը աճով քեզնից անցավ, այն իննսունչորս սանտիմետրը, որոնք դու կարողանում էիր պահպանել քո երեքամյակից գրեթե տասնյոթ տարի ետ մնացած ժամանակահատվածում, փոքրիկը անցել է երկու֊երեք սանտիմետրով։ Իսկ դա նշանակում է՝ ժամանակն է նրան դարձնել թմբկահար ու վճռականորեն կասեցնել այդ չափից դուրս աճը։

Իմ դերասանական ուղեբեռից, որը ես թաքցրել էի ձեղնահարկի կղմինդրի շարքերի ետևում, իմ մեծ քրեստոմատիայի հետ, ես դուրս հանեցի շլացուցիչ, բացարձակապես նոր թմբուկը, որպեսզի տրամադրեմ իմ որդուն, քանի որ մեծահասակները դա չէին արել՝ այն նույն հնարավորությունը, որ իմ երրորդ ծննդյան տարեդարձի օրը տվեց ինձ իմ խեղճ մայրիկը՝ կատարելով իր տված խոստումը։ Ես հիմքեր ունեի ենթադրելու, որ Մացերատը, որն ինչ֊որ ժամանակ իր կրպակի ապագան կապում էր ինձ հետ, այն բանից հետո, երբ ես նրա հույսերն չարդարացրի, որպես գաղութային ապրանքների ապագա վաճառական էր տեսնում Կուրտին։ Եվ եթե այժմ ես լսում եմ․ «Դրան պետք է խանգարել», ապա պետք չէ, խնդրում եմ, Օսկարին մանրածախ առևտրի երդվյալ թշնամի համարել։ Ես ստիպված կլինեի գործել ճիշտ նույն կերպ, եթե ինձ կամ իմ որդուն խոստացվեր գործարանային կոնցեռն կամ ժառանգական թագավորություն՝ կից տրվող գաղութներով հանդերձ։ Օսկարը չէր կամենում երկրորդ ձեռքից ոչինչ ստանալ, և այդ իսկ պատճառով ձգտում էր իր որդուն դրդել նմանօրինակ արարքների նրան, և դրանում էր կայանում իմ տրամաբանական սխալը, դարձնել հավերժ երեք տարեկան թմբկահար, կարծես թե հույսերով լի երիտասարդ մարդու համար թիթեղյա թմբուկ ժառանգություն ստանալը նույն չափ զզվելի չէ, որչափ գաղութային ապրանքների կրպակը որպես ժառանգություն ստանալը։

Օսկարը այսօր է այդպես մտածում։ Մինչդեռ այն ժամանակ նա ընդամենը մեկ ցանկություն ուներ․ պետք էր թմբկահար հոր կողքին կանգնեցնել թմբկահար որդուն, պետք էր թմբկահարների տոհմ հիմնել, քանզի իմ գործը, թիթեղյան ու ապիտակակարմիր լաքապատը, պետք է փոխանցվեր սերնդեսերունդ։

Ախ, ինչպիսի կյանք էր մեզ սպասում։ Մենք կկարողանայինք մեկս մյուսիս կողքին, բայց նաև տարբեր սենյակներում, մենք կկարողանայինք կողք կողքի, սակայն նաև Լաբեսվեգի վրա, ես Լուիզենշտրասեի վրա, նա՝ նկուղում, ես՝ ձեղնահարկում, Կուրտը՝ խոհանոցում, Օսկարը՝ զուգարանում, հնարավորության դեպքում կարող էինք երկուսովս՝ հայր և որդի, հարվածել մեկ թմբուկի վրա։ Հարմար պահը գտնելով՝ կկարողանայինք երկուսով մեկնել իմ տատիկի շրջազգեստների տակ, նրա նախատատիկ Աննա Կոլյայչեկի, այնտեղ ապրել, այնտեղ թմբկահարել և ներշնչել քիչ կծված հյուղի հոտը։ Տեղավորվելով նրա դարպասների դիմաց, ես Կուրտին կասեի․ «Դու միայն ներս նայիր, որդիս։ Մենք բոլորս այնտեղից ենք դուրս եկել, և եթե դու քեզ խելոք պահես, ապա մեզ մեկ ժամով թույլ կտան վերադառնալ այնտեղ և այցի գնալ այնտեղ հավաքված հասարակությանը»։

Եվ Կուրտը կկռանար շրջազգեստների տակ, կհամարձակվեր մեկ աչքով նայել և քաղաքավարի ձևով ինձանից՝ հորից, բացատրություններ խնդրել։ «Այն գեղեցիկ տիկինը, ― կշշնջար Օսկարը, ― նա դեռ նստած է կենտրոնում, խաղ է անում իր գեղեցիկ ձեռքերի հետ։ Նա դեմքի այնքան գեղեցիկ ձվաձևություն ունի, որ ուզում ես ուղղակի լաց լինել, այսպես ահա, այդ գեղեցիկ տիկինը՝ դա իմ խեղճ մայրիկն է և քո տատիկը, նա մահացավ իր ճաշատեսակի պատճառով՝ դա օձաձկներով ապուրն էր, կամ իր չափից դուրս քաղցր սրտի պատճառով։

«Հետո, հայրիկ, հետո, ― ինձ կխնդրեր Կուրտխենը, ― իսկ ո՞վ է այդ բեղերով մարդը»։

Եվ ի պատասխան, ես ձայնս խորհրդավոր կիջեցնեի․ «Իսկ դա քո նախատիպ Յոզեֆ Կոլյայչեկն է։ Դու նայիր միայն, թե ինչպես են բոցավառվում այդ հրձիգի աչքերը, նայիր նրա ճակատի վրայի լեհական աստվածային ճոռոմությանը և հենց քթարմատի տակի կաշուբյան գործնական կեղծավորությանը։ Միայն թե աչքաթող չանես նրա ոտքերի մատների միջև գտնվող թաղանթը։ Տասներեք թվին, երբ «Կոլոմբոսը» նավաշինարաններից ջուր իջեցվեց, քո նախապապը ընկավ անտառափայտի լաստի տակ։ Նա պետք է նրա տակով երկար֊երկար լողար, քանի դեռ լողալով Ամերիկա չէր հասել և այնտեղ միլիոնատեր չէր դարձել։ Սակայն նա երբեմն կրկին գնում է դեպի ջուրը, լողում է դեպի ետ և ջրի տակից դուրս է գալիս հենց այնտեղ, որտեղ մի անգամ որպես հրձիգ ձեռք բերեց պաշտպանություն և իր լուման ներդրեց իմ մոր լույս աշխարհ գալու գործում»։

«Իսկ այն գեղեցիկ պարո՞նը, որը մինչ այժմ թաքնվել էր տիկնոջ ետևում, որն ինձ տատիկ է գալիս, իսկ այժմ նստում է նրա կողքին և իր ձեռքերով շոյում է նրա ձեռքերը։ Նա նույն երկնագույն աչքերն ունի, ինչ դու, հայրիկ»։

Եվ այստեղ ես ստիպված կլինեի բռունցքիս մեջ հավաքել իմ ողջ խիզախությունը, որպեսզի ինչպես վատ որդի, ինչպես դավաճան որդի, իմ արժանավոր երեխային պատասխանեի․ «Իսկ դա, իմ Կուրտ, Բրոնսկիների ընտանիքի զարմանահրաշ երկնագույն աչքերն են քեզ նայում։ Ճիշտ է, դու մոխրագույն աչքեր ունես։ Դու դրանք մորիցդ ես ժառանգել։ Եվ, այնուամենայնիվ, դու ճիշտ ու ճիշտ նման ես այդ Յանին, որն այժմ իմ խեղճ մայրիկի ձեռքն է համբուրում, ինչպես և նրա հայրը, Վինցենտը, որը նույնիսկ շատ տարօրինակ մարդ է, սակայն կաշուբյան ձևով, նա ամենաիսկական Բրոնսկին է։ Կգա օրը, և մենք բոլորս կվերադառնանք այնտեղ, կվերադառնանք դեպի այն ակունքը, որից քիչ կծված յուղի հոտ է գալիս։ Ուրեմն, ուրախացիր»։

Միայն իմ Կոլյայչեկ տատիկի արգանդում, որովայնում կամ ինչպես ես կատակով անվանում եմ, տատիկիս յուղի համար կիսատակառի մեջ, իմ տեսությունների համաձայն, կսկսվեր ճշմարիտ ընտանեկան կյանքը։ Եվ մինչև օրս, երբ ես Հայր Աստծո իրավունքով մի թափով կարող եմ հասնել և նույնիսկ անցնել իմ Որդուց մինուճար և, ավելի կարևոր է, Սուրբ Հոգուն, երբ ես տխրությամբ գիտակցում եմ իմ պարտականությունները, որոնք քարշ եմ տալիս և՛ որպես Քրիստոսի ժառանգորդ, և՛ հանուն մնացած մասնագիտությունների, ես, ում համար առավել անհասանելի ոչինչ չկա, քան դեպի տատիկիս դարպասներ վերադարձը, մտովի ինձ պատկերում եմ չքնաղագույն ընտանեկան տեսարաններ իմ նախնիների շրջանում։

Եվ ահա թե ինչպես եմ ես դա ինձ պատկերացնում, հատկապես անձրևոտ օրերին․ իմ տատիկը հրավերքներ է ուղարկում, և մենք հավաքվում ենք նրա ներսում։ Գալիս է Յան Բրոնսկին, նա ծաղիկներով է զարդարել, օրինակի համար մեխակներով, գնդակների անցքերը, իր կրծքի՝ Լեհական փոստատան պահապանի կրծքի։ Մացերատը, որն իմ հանձնարարականով նույնպես հրավերք էր ստացել, երկչոտությամբ մոտենում է իմ տատիկին՝ բայրացակամություն փնտրելով, և ցույց է տալիս դեռ նրա ժամանակով սկսած և Մացերատի կողմից անթերի շարունակված շտեմարանային գրքերը, իսկ տատիկս հռհռում է իր կաշուբյան ծիծաղով, դեպի իմ կողմն է քաշում իր սիրեցյալին, համբուրում է նրա այտը և աչքով անելով, ասում․ «Դե, Մարիխեն, անհարմար զգալու ի՞նչ կա, եթե մենք երկուսս էլ նույն Մացերատից ենք դուրս եկել և նույն Բրոնսկուն ենք կերակրել»։

Մտորումներին անձնատուր լինելը, շարունակելը, օրինակ ենթադրություններ կառուցելը այն որդու մասին, որը սաղմնավորել էր Յանը, իմ մայրիկի մոտ հասունացել էր Կոլյայչեկ տատիկիս ընդերքներում և, ի վերջո, լույս աշխարհ էր հանվել յուղի տակառիկի մեջ, ես ինձ խիստ ու խիստ արգելում եմ։ Քանզի այդ դեպքի մասին պատմությունն անխուսափելիորեն իր ետևից կբերեր նաև պատմությունը մեկ այլ դեպքի մասին։ Եվ հանկարծ ու այդ ժամանակ իմ միակ արյունակից եղբայր Ստեֆան Բրոնսկին, որն ի վերջո նույնպես այդ տոհմին է պատկանում, մտադրվեր մի աչքով նայել ընդհանուր ընտանիքի գաղափարին, իսկ հետո նաև երկրորդ աչքով՝ իմ Մարիային։ Այդ իսկ պատճառով ես գերադասում եմ իմ երևակայության թռիչքը սահմանափակել անմեղ ընտանեկան հանդիպումով։ Ես հրաժարվում եմ և՛ երրորդ թմբուկից, և՛ չորրորդից, բավարարվում եմ երկրորդով՝ Օսկարով ու Կուրտով, իմ թիթեղի օգնությամբ հավաքվածներին համառոտ որոշ բաներ եմ պատմում էյֆելյան աշտարակի մասին, որն օտար եզերքներում փոխարինում էր ինձ տատիկիս։ Եվ ուրախանում եմ, երբ հյուրերը, ներառյալ նաև հրավիրյալ կողմը, այսինքն՝ Աննա Կոլյայչեկը, հաճույք են ստանում թմբուկի վրա մեր համատեղ խաղից և ենթարկվելով տրված ռիթմին, շրմփացնում էին միմյանց ծնկներին։

Որքան էլ գայթակղիչ է սեփական տատիկի ներսում նստելու, աշխարհը և նրանում թագավորող փոխադարձ կապերը հասկանալու, սահմանափակ տարածության բազմաշերտությունը բացահայտելու հեռանկարը՝ Օսկարը պետք է այժմ (չէ՞ որ նա Մացերատի նման ընդամենը ենթադրյալ հայր է) կրկին վերադառնա այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան քառասունչորսի հունիսի տասներկուսին՝ Կուրտի ծննդյան երրորդ տարեդարձին։

Կրկնում եմ, մեկ պուլովերը, մեկ գնդակը, առագաստանավը ու հոլի հետ մտրակը տղան արդեն ստացել էր, իսկ ինձանից պետք է ստանար սպիտակակարմիր լաքապատ թիթեղյա թմբուկը։ Նոր էր նա հաղթահարել առագաստանավի նավասարքը, նրան մոտեցավ Օսկարը՝ թիթեղյա նվերը իր թիկունքում թաքցնելով, իսկ օգտագործած թմբուկը կախված էր նրա փորից ներքև։ Եվ ահա մենք հայտնվեցինք իրարից մեկ քայլ հեռավորության վրա, դեմ դիմաց կանգնած․ Մատնաչափիկ Օսկարը և Կուրտը՝ ևս մատնաչափիկ, սակայն երկու սանտիմետրով ավելի բարձր։ Կուրտի դեմքը դարձավ չար ու վախեցած, նա, ինչպես երևում է, դեռ չէր ավարտել առագաստանավի ջախջախումը և հենց այն րոպեին, երբ ես թմբուկը հանեցի մեջքիս ետևից և այն դեպի վեր բարձրացրի, կոտրեց «Պամիրի» վերջին կայմը՝ այդպես էր կոչվում այդ առագաստանավը։

Կուրտը ցած նետեց բեկորները, վերցրեց թմբուկը, այն պահեց ձեռքում, պտտեց, և նրա դիմագծերը դարձան մի քիչ ավելի հանգիստ՝ չնայած որ մնացին նույնչափ լարված։ Նրան թմբուկի փայտիկները տալու ճիշտ ժամանակն է։ Ցավոք, նա սխալ ընկալեց այդ երկակի շարժումը, վտանգ զգաց, թմբուկի կողքով փայտիկները ձեռքիցս գցեցի ցած։ Իսկ երբ ցանկացա կռանալ փայտիկների ետևից, ինչ֊որ բան փնտրեց իր թիկունքում, և հազիվ էի ես բարձրացրել փայտիկները և մեկնել նրան, մտրակեց իր նվերով ինձ, այլ ոչ թե հոլին։ Նա Օսկարին մտրակեց, այլ ոչ հոլին, որի վրա հատուկ այդ նպատակով ակոս էր արված, նա ցանկանում էր իր հորը սովորեցնել, այլ ոչ հոլ պտտել ու վնգացնել։ Նա մտրակում էր ինձ այդ անելիս, հաստատ մտածում էր, դե, եղբայրս, դիմացիր․ այդպես Կայենն էր մտրակում Աբելին՝ մինչև վերջինս հոլի պես չպտտվեց, սկզբում ցածր, իսկ հետո, ոտքի կանգնելով։ Եվ ավելի ու ավելի վեր էր բարձրացնում ինձ Կայենը իր մտրակով, ահա և արդեն ոմն տենոր սկսեց առավոտյան աղոթքը։ Այդպես կարող են երգել արծաթից դրոշմված հրեշտակները, տղաների Վիեննական երգչախումբը, ուսումնառու ամորձատվածները, հավանաբար Աբելն էլ է այդպես երգել, հետո ընկել է ցած, ինչպես ես որոշ ժամանակ անց ընկա Կուրտ անունով տղայի մտրակի տակ։

Իսկ երբ Կուրտը տեսավ, թե ինչպես եմ պառկել հատակին, լսեց, թե ինչպես է մարում դառնաղետ դռդռոցը, մի քանի անգամ մտրակով ճեղքեց օդը, կարծես թե նրա ձեռքը դեռ չէր կշտացել։ Եվ, իմ վրայից չկտրելով իր կասկածամիտ հայացքը, նա սկսեց թմբուկի մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Որպես սկիզբ նա սպիտակակարմիր լաքի մասը հարվածեց աթոռի թիկնակին, այնուհետև իմ նվերը ընկավ հատակին, իսկ Կուրտը սկսեց փնտրել և, դե իհարկե, գտավ նախկին առագաստանավի ծավալուն իրանը։ Եվ ահա այդ փայտի կտորով սկսեց հարվածել թմբուկին։ Նա չէր թմբկահարում, նա թմբուկն էր կոտրում։ Նրա ձեռքը չփորձեց ոչ մի, նույնիսկ ամենահասարակ ռիթմը թմբկահարել։ Ջղաձիգ լարված դեմքով նա համաչափ ու միապաղաղ շրխկացնում էր թիթեղին, որը նման թմբկահարման համար հաշվարկված չէր, որը թեև կարող էր դիմանալ թեթևագույն ծիծեռնակների թեթևագուն թմբկահարությանը, սակայն ամենևին ոչ ծանր իրանի խոյահարումներին։ Թմբուկը կորացավ, ցանկացավ խուսափել հաշվեհարդարից, դուրս պրծնելով ամրացումներից՝ ցանկացավ թաքնվել աչքերից, հրաժարվելով կարմիր ու սպիտակ լաքից և կենտրոնի մոխրակապտավուն թիթեղին գթություն աղերսելու հնարավորություն ընձեռնելով։ Սակայն հայրական նվերի հանդեպ որդին անողոք էր։ Իսկ երբ հայրը ցանկացավ մեկ անգամ ևս որդուն ուղիղ ճանապարհի վրա դնել ու քամահրելով տարբեր տեղերում միաժամանակյա ցավը, հատակին և փռված գորգի վրայով սլացավ նրա կողմը, մտրակը կրկին փակեց նրա ճանապարհը։ Օ, այդ տիկնոջը հոգնած հոլը լավ էր ճանաչում, նա դադարեց պտտվել ու գվվալ, դրանից զատ թմբուկն էլ վերջնականապես հրաժարվեց թմբկահարի նրբազգաց, սակայն ոչ կոպտորեն աշխատող փայտիկների հույսից։ Երբ Մարիան ներս մտավ, թմբուկը արդեն միայն աղբանոց նետելու էր պիտանի։ Նա ինձ գրկեց, համբուրեց արցունքներով լցված աչքերս ու պատռված ականջս, լպստեց հարվածներից խարազանված ձեռքերիս վրայի արյունը։

Օ, եթե միայն Մարիան կռահեր համբուրել ոչ թե ուղղակի ծեծված, թերաճ, դժբախտաբար ոչ լիարժեք երեխային։ Եթե միայն նա ճանաչեր ծեծված հորը և ամեն վերքի մեջ տեսներ սիրեցյալին։ Ինչպիսի սփոփանք կլիներ դա, ինչպիսի՜ գաղտնի, սակայն իսկական ամուսին կկարողանայի ես դառնալ հետագա մռայլ ամիսներին։

Սկզբում, չնայած դա անպայմանորեն Մարիայի հետ չէր առնչվում, դժբախտությունը հասավ Հյուսիսային նավատորմում ծառայող ու նոր֊նոր լեյտենանտի կոչում ստացած իմ խորթ եղբայր Ստեֆան Բրոնսկուն, որն այդ ժամանակ արդեն խորթ հոր՝ Էլերսի ազգանունն էր կրում, և դա էլ նրա սպայական առաջխաղացման վերջը դրեց։ Սակայն եթե Յանը՝ Ստեֆանի հայրը, Զասպեի գերեզմանատանը գնդակահարվելու պատճառով որպես Լեհական փոստատան պաշտպան, վերնաշապիկի տակ էր պահել մի խաղաթուղթ սկատ խաղալու խաղաթղթերի կապուկից, ապա երիտասարդ լեյտենանտի կուրծքը զարդարում էին երկրորդ աստիճանի երկաթյա խաչը, հետևակայինի գրոհային նշանը և, այսպես կոչված, սառեցված մսի Շքանշանը։

Իսկ հունիսի վերջին Տրուչինսկի մայրիկին խոցեց թեթև հարվածը, քանի որ փոստը չարաղետ լուր բերեց նրան։ Ենթասպա Ֆրից Տրուչինսկին զոհվեց միաժամանակ երեք բանի համար՝ հանուն ֆյուրերի, հանուն ժողովրդի և հանուն հայրենիքի։ Դա տեղի ունեցավ կենտրոնական հատվածում, և Կանարուեր անունով մի ոմն կապիտան ուղիղ Կենտրոնական ռազմաճակատից Լանգֆուր, Լաբեսվեգ փողոց էր փոխանցել Ֆրիցի՝ Հայդելբերգի, Բրեստի, Փարիզի, Բադ֊Կրոյցենախի ու Սոլոնիկի գեղեցկադեմ, առավելապես ժպտացող աղջիկների լուսանկարներով դրամապանակը, ինչպես նաև առաջին ու երկրորդ կարգի Երկաթյա խաչերը չեմ հիշում, թե ինչ նշանաքուղ և մերձամարտ վարելու համար բրոնզե նշան և երկու քարուքանդ եղած ուսադիրներ խփված տանկերի համար և մի քանի նամակներ։

Մացերատը ուժերը ներածին չափ օգնում էր, և Տրուչինսկի մայրիկը շուտով իրեն ավելի լավ զգաց, չնայած իսկապես լավ նա իրեն այլևս երբեք չզգաց։ Նա կիպ նստում էր պատուհանի մոտ, բազկաթոռի մեջ և մեզ երկուսիս՝ ինձ ու Մացերատին, որը օրը երկու, երեք անգամ բարձրանում էր նրա մոտ և ինչ֊որ բան էր բերում, հարց ու փորձ էր անում, թե որտեղ է գտնվում այդ «Կենտրոնական ռազմաճակատը»։ Հեռո՞ւ է արդյոք այստեղից, և կարելի՞ է, արդյոք, կիրակի օրը գնացքով գնալ այնտեղ։

Որքան էլ Մացերատը ջանում էր, չէր կարողանում պարզաբանումներ տալ այդ հարցում։ Այդ իսկ պատճառով կեսօրյա երկար ժամերին չնայած հանգիստ նստած, սակայն ցնցվող գլխով Տրուչինսկի մայրիկը, որը ռազմական տեղեկագրերի ու արտակարգ տեղեկությունների շնորհիվ աշխարհագրության գծով բավականաչափ թրծված էր, ավելի ու ավելի շարժուն դարձավ։ Կենտրոնական հատվածի վերաբերյալ մի քանի վարկածներ թմբկահարելու պարտականությունը դրված էր ինձ վրա։

Իսկ ահա Մարիան, որը շատ էր կապված քաջարի Ֆրանցի հետ, այժմ բռնկվել էր բարեպաշտությամբ։ Սկզբնական շրջանում, այսինքն՝ ողջ հունիսը, նա ընթանում էր վարժված հավատքով, կիրակի օրերին գնում էր Քրիստոսի Եկեղեցի՝ հայր Հեխտի մոտ, և երբեմն Մացերատը ուղեկցում էր նրան՝ չնայած Մարիան գերադասում էր միայնակ գնալ։

Սակայն նրան թվաց, որ բողոքական ժամերգությունը բավարար չէ։ Շաբաթվա մեջ, ոչ այն է՝ հինգշաբթի, ոչ այն է՝ ուրբաթ օրերին, կրպակը թողնելով Մացերատի հույսին, մինչև փակվելը, Մարիան բռնեց իմ՝ կաթոլիկիս, ձեռքից, և մենք շարժվեցինք Նոր շուկայի ուղղությամբ։ Այնուհետև թեքվեցինք դեպի Էլզենշտրասե, Էլզենշտրասեից Մարիենշտրասե, մսագործի, Վոլգեմուտի մոտով, մինչև Քլյայնհամերպարկ։ Օսկարը արդեն սկսեց մտածել, որ իրենք Լանգֆուրյան երկաթուղային կայարան են գնում, որպեսզի փոքրիկ ճամբորդություն կատարեն դեպի Բիսաու, օրինակ կաշուբցիների մոտ։ Սակայն այդ ժամանակ մենք թեքվեցինք ձախ, ստորգետնյա անցումի մոտ կանգ առանք՝ սնահավատությունից դրդված սպասելով, որ բեռնատար գնացքը անցնի, և գնացինք անցումով, որտեղ զզվելի ձևով կաթում էր առաստաղից և, նրանից դուրս գալով, ուղղվեցինք ոչ թե դեպի կինոյի պալատ, այլ դեպի ձախ՝ երկաթուղային հողաթմբերի երկայնքով։ Ես մտորում էի․ կամ նա ինձ Բրունսհեֆերեգ, բժիշկ Հոլլացի մոտ է քարշ տալիս, կամ մտադրվել է հավատքը փոխել և այդ պատճառով էլ գնում է Քրիստոսի սիրտը եկեղեցի։

Քրիստոսի սիրտը եկեղեցին իր շքամուտքով հենց հողաթմբերին էր նայում։ Հողաթմբերի չփակված շքամուտքի միջև մենք կանգ առանք։ Ուշ օգոստոսյան օր էր։ Մեզանից ետ, ռելսերի արանքում, մանրախճի վրա թիերով ու բահերով աշխատում էին սպիտակ գլխաշորերով արևելյան բանվորուհիները։ Մենք կանգնել ու նայում էինք եկեղեցու ստվերային, սառնություն արձակող որովայնին, իսկ նրա բուն խորքում արհեստավարժորեն դեպի իրեն էր ձգում բորբոքված աչքը՝ հավերժական լույսը։ Մեզանից ետ, հողաթմբերի վրա, ուկրաինուհիները դադարեցին փորելն ու հավաքելը։ Շչաց ազդանշանային շեփորը, մոտենում էր գնացքը, մոտեցավ, արդեն այստեղ էր, դեռ մեր կողքով չէր անցել, հետո անհետացավ, և շեփորը կրկին շչաց։ Ուկրաինուհիները թիերը վերցրին ձեռքները։ Մարիան հապաղեց՝ հավանաբար չիմանալով, թե որ ոտքից շարունակի ընթացքը։ Պատասխանատվությունը բարդեց ինձ վրա, նա, ով ծննդյան կնունքի օրվանից առավել մոտ էր կանգնած դրան՝ միակ բարեբախտություն պարգևող եկեղեցուն․ մի քանի տարիներ անց՝ փրփրուն ըմպելիքով ու սիրով լի այն երկու շաբաթներից հետո, առաջին անգամ Մարիան կրկին ղեկավարումը վստահեց Օսկարին։

Մենք մեր ետևում թողեցինք երկաթուղային հողաթումբն ու նրա աղմուկները, օգոստոսն ու օգոստոսյան տզզոցը։ Ոչ առանց տխրության՝ բաճկոնիս տակ մատներով թմբուկի վրա թեթևակի աշխատելով, սակայն չփորձելով դեմքիս անտարբեր արտահայտության վրա ազդել, ես վերհիշեցի պատարագները, եպիսկոպոսյան արարողությունները, երեկոյան ու շաբաթօրյա խոստովանությունները իմ խեղճ մայրիկի հետ, որը, մահվանից ոչ շատ առաջ Յան Բրոնսկու հետ չափից դուրս սերտ շփման պատճառով, բռնկվեց բարեպաշտությամբ․ յուրաքանչյուր շաբաթ օր՝ թեթև խոստովանություն, կիրակի օրերին՝ խոստովանությունը Սուրբ Պարգևներով ամրապնդում, որպեսզի ոչ միայն թեթևացում ստանար, այլև աջակցություն՝ մոտակա հինգշաբթի օրը Թիշելգրասեում Յանի հետ հանդիպելու համար։ Ի միջի այլոց, ինչպե՞ս էին անվանում Նորին սրբակրոնությանը։ Նորին սրբակրոնությանը անվանում էին Վինկե, և նա մինչ օրս էլ մնում էր Քրիստոսի սիրտը եկեղեցու վանահայրը, իր քարոզները արտասանում էր բերկրալի ու անհասկանալի ձայնով։ «Հավատում եմ»֊ը այն աստիճան նուրբ էր երգում, որ այդ ժամանակ նույնիսկ ինձ վրա կարող էր իջնել հավատքի նմանվող ինչ֊որ բան, եթե այդ եկեղեցում չլիներ հավերժահիշատակ ձախ զոհասեղանը՝ Կույս Մարիամով, մանուկ Հիսուսով ու մանուկ Մկրտիչով։

Սակայն այժմ, հենց զոհասեղանը ինձ դրդեց Մարիային իմ ետևից կիզիչ արևից տանել դեպի շքամուտքը, իսկ հետո՝ քարե սալահատակի վրայով դեպի եկեղեցու նավը։

Օսկարը չէր շտապում, ավելի ու ավելի խաղաղվելով՝ նստել էր կաղնեփայտե նստարանի վրա, Մարիայի կողքին։ Տարիներ էին անցել, և սակայն ինձ թվում էր, կարծես հենց այն նույն մարդիկ, պլանաչափորեն թերթելով իրենց մեղքերի ցանկը, սպասում են, թե երբ նորին սրբություն Վինկեն դեպի իրենց կխոնարհի իր ականջը։ Մենք նստել էինք քիչ այն կողմ, ավելի մոտ կենտրոնական նավին։ Ես ցանկանում էի ընտրությունը թողնել Մարիային և թեթևացնել նրան։ Մի կողմից՝ նա այնքան չէր մոտեցել խոստովանարանին, որպեսզի նրան շփոթեցներ այդ մոտիկությունը և այդ իսկ պատճառով կարող էր, այսպես ասած, առանց աղմուկի, ոչ պաշտոնապես փոխվել այլ հավատքի։ Մյուս կողմից՝ դրանից առաջ կարող էր հետևել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում խոստովանությունից առաջ, ընդուներ վերջնական որոշում, գտներ դեպի խոստովանարան և դեպի նորին սրբակրոնության ականջը տանող ճանապարհը և նրա հետ քննարկեր դեպի միակ բարեբախտ եկեղեցու գիրկը տանող իր տեղափոխման մանրամասները։ Ես խղճում էի նրան, երբ տեսնում էի, թե ինչպես է նա այդքան փոքրիկ ծնկի իջել՝ հոտերով, փոշիով, ծեփերով շրջապատված, բեկված լույսի ու խորամանկորեն խույս տվող հրեշտակների ներքո։ Դեռևս ոչ հմտորեն և ոչ ճիշտ հաջորդականությամբ խաչակնքվում է։ Օսկարը Մարիային հրեց, ցույց տվեց, թե ինչպես է պետք դա անել, նրան՝ հետաքրքրասերին, ցույց տվեց նրա ճակատից վեր, որտեղ կենում են Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին։ Ցույց տվեց նրան նաև, թե ինչպես պետք է ձեռքերը ծալի, որպեսզի հասնի «ամենին»։ Մարիան ենթարկվեց, ձեռքերը թողեց նույն վիճակում և «ամենից» հետո նոր աղոթք սկսեց։ Սկզբնական շրջանում Օսկարը ձգտում էր հիշատակել մահացածներից ինչ֊որ մեկին, սակայն, իր Ռոզվիտայի համար աղոթելով Աստծուն, որպեսզի իր աղոթքով նրա համար հավերժական հանգիստը ու դեպի երկնային ուրախությունները մուտքի թույլտվություն ստանա, նա այն աստիճան խրվեց երկրային մանրամասների մեջ, որ և՛ հավերժական հանգիստը, և՛ Երկնային Թագավորությունը ի վերջո տնավորվեցին փարիզյան հյուրանոցներից մեկում։ Այդ ժամանակ նա փրկվեց բանաձևերի միջոցով, քանի որ դա առանձնահատուկ պարտավորություններ չի պահանջում, ասացի «հավիտյանս հավիտենաց» և «ոգեշնչվենք», և «արժանապատիվ լինել», դրանով էլ սահմանափակվեցի և սկսեցի աչքի պոչով հետևել Մարիային։

Կաթոլիկ պատարագը նրան սազական չէր։ Նա շատ հաճելի տեսք ուներ, նա կարծես կտավից հանված լիներ։ Աղոթքը երկարացնում է թերթևունքերը, ընդգծում հոնքերը, տաք կարմրությամբ է լցնում այտերը, ճակատը դարձնում է արտահայտիչ, պարանոցը՝ ճկուն։ Մարիայի վշտալի ծաղկող դեմքը քիչ էր մնում ինձ դրդեր մերձեցման փորձի։ Սակայն աղոթողներին չի կարելի խանգարել, աղոթողներին չի կարելի գայթակղել, ինչպես չի կարելի նաև ենթարկվել նրանցից եկող գայթակղությանը, եթե նույնիսկ աղոթողի համար հաճելի է դիտողի աչքին ուշադրության արժանանալը, բացի այդ, դա օգնում է աղոթելուն։

Եվ այդ ժամանակ ես իջա եկեղեցու ողորկ նստարանի վրայից ու ձեռքերս հնազանդորեն դրեցի թմբուկի վրա, որը վեր էր ցցել իմ բաճկոնը։ Օսկարը փախչում է Մարիայի՞ց․ նա ոտք դրեց սալաքարերի վրա և իր թմբուկի հետ, ձախ կցաշինությունով գնաց խաչակրած ուղու բոլոր կայանների կողքով, կանգ չառավ սուրբ Անտոնիոսի մոտ՝ աղոթիր մեզ համար, քանզի մենք չենք կորցրել ո՛չ դրամապանակը, ո՛չ դռան բանալին, մենք սուրբ Ստելբերտ Պրագացուն, որին կյանքից զրկել էին հին պրուսացիները, թողեցինք ձախ կողմում և, կանգ առնելով, սալաքարից սալաքար թռչելով, անցանք առաջ։ Շախմատի տախտակի պես ինչ֊որ մի բան էր առջևում՝ մի կողմից՝ ուղեգորգը, մյուսից՝ ձախ զոհասեղան տանող աստիճանները։

Հուսով եմ, կհավատաք, որ նոր գոթական աղյուսաշեն Քրիստոսի սիրտը եկեղեցում և համապատասխանաբար ձախ զոհասեղանի դիմաց ամեն ինչ մնացել էր ճիշտ այնպես, ինչպես նախկինում։ Մերկ֊վարդագույն մանուկ Հիսուսը առաջվա պես նստած էր Կույսի ձախ ծնկին, որին ես դիտավորյալ Կույս Մարիամ չեմ անվանում, որպեսզի նրան չշփոթեմ իմ Մարիայի հետ, որը հենց այժմ կրոնափոխ էր լինում։ Կույսի աջ ծնկանը առաջվա պես սեղմվել էր մանուկ Մկրտիչը, որն իր մերկությունը մի կերպ ծածկել էր շոկոլադագույն բրդոտ մորթիով։ Իսկ անձամբ Կույսը, ինչպես հնում, աջ ցուցամատը ուղղել էր Հիսուսի վրա, բայց նայում էր Հովաննեսին։

Սակայն երկար տարիներ բացակայելուց հետո ևս Կույսի մայրական հպարտությունը Օսկարին շատ ավելի քիչ էր հետաքրքրում, քան երկու տղաների կառուցվածքը։ Հիսուսը իմ որդի Կուրտի չափսին էր, երբ լրացել էր վերջինիս երեք տարին, այսինքն՝ Օսկարից երկու սանտիմետր բարձր էր։ Իսկ Հովաննեսը, որը բոլոր վկայություններով, Նազարեթցուց ավելի տարիքով էր, պարզվեց, որ իմ չափ է։ Ընդ որում՝ երկուսն էլ ծերունական իմաստնացած դեմքի արտահայտություն ունեին, որը ներհատուկ էր նաև ինձ՝ հավերժ երեք տարեկանիս։ Մի խոսքով, ոչինչ չէր փոխվել։ Նաև նրանց հայացքներն էին մնացել նույնչափ խորամանկ, ինչպես շատ տարիներ առաջ, երբ ես իմ խեղճ մայրիկի հետ այցելում էի Քրիստոսի սիրտը եկեղեցին։

Ուղեգորգի վրայով աստիճաններով դեպի վերև, միայն առանց introitus'a:[11] Ես ուսումնասիրում էի հագուստի ամեն մի ծալքը և իմ թմբուկի փայտիկով, որի մեջ շատ ավելի զգացմունք կար, քան բոլոր մատների մեջ միասին վերցրած, ես դանդաղ, ոչինչ բաց չթողնելով, անցա երկու մերկ տղաների ներկոտված գիպսի վրայով․ ազդրերը, փորը, ձեռքերը, հաշվեցի ճարպային ծալքերը, փոսիկները։ Հասակը ճիշտ ու ճիշտ, ինչպես Օսկարի մոտ․ իմ առողջ մարմինը, իմ ուժեղ, փոքր֊ինչ ճարպից գիրացած ծնկները, թմբկահարի կարճ, բայց մկանոտ իմ ձեռքերը։ Բացի դա, այդ անտուն տղան դրանք նույն ձևով էր պահել։ Նստել էր Կույսի ծնկներին և ձեռքերը վեր պարզած սեղմել էր բռունցքները, կարծես մտադրվել էր թիթեղի վրա թմբկահարել, կարծես թմբկահարը Հիսուսն էր, և ամենևին էլ ոչ Օսկարը։ Կարծես նա հենց միայն իր թմբուկին էր սպասում, կարծես այս անգամ լրջորեն որոշել էր Կույսի, Մկրտչի և իմ առջև թիթեղի վրա մի ինչ֊որ ռիթմիկ ու բարեհնչուն բան ներկայացնել։

Եվ արեցի այն, ինչ արել էի շատ տարիներ առաջ։ Ես փորիս վրայից հանեցի թմբուկս և Հիսուսին երկրորդ անգամ փորձարկաման ենթարկեցի։ Զգուշորեն, որպեսզի չվնասեմ նախշապատ գիպսը, ես, սակայն, Օսկարի սպիտակակարմիր թիթեղը նրա վարդագույն ծնկներին դրեցի բացարձակապես միայն ավելի մեծ բավարարվածության համար։ Հրաշքի հետ հիմար հույսեր չկապելով՝ ես ավելի շուտ ուզում էի աչքովս տեսնել ու համոզվել նրա անզորության մեջ, քանզի, չնայած որ նույնիսկ նա գիպսից էր պատրաստված և առանց նվազագույն ջանքերի երեք տարեկանի էր պատկերում, ինչը ինձ հաջողվեց տանջալի չարչարանքների ու մեծագույն զրկանքների գնով, միևնույն է, նա թմբկահարել չգիտեր։ Գիտեր միայն ձևացնել, իբր, գիտի և հավանաբար ինքն իր մեջ մտածում էր՝ ա՛յ, եթե ես ունենայի, ես կկարողանայի, և այստեղ ես ասացի՝ եթե լինի էլ, միևնույն է, չես կարողանա, խցկեցի նրան զույգ փայտիկները, ծիծաղից ծռվեցի, խցկեցի նրա թմբլիկ մատիկների մեջ, տասը մատիկների մեջ, հապա մի տեսնեմ, մի թմբկահարիր ամենաքաղցր Հիսուս՝ նախշազարդած գիպս, թմբկահարիր թիթեղի վրա։ Օսկարը ետ֊ետ գնալով՝ երեք աստիճան իջավ, ուղեգորգից սալաքարերի վրա, դե, թմբկահարիր, մանուկ Հիսուս, Օսկարը ավելի ետ էր նահանջում։ Տարածություն է ստեղծում, հեգնանքով քմծիծաղում է, որովհետև Հիսուսը, ոչ մեկի վրա ուշադրություն չդարձնելով, ստել է, թմբկահարել չգիտի՝ չնայած կարող է և ուզում է։ Արդեն ձանձրությը սկսեց ինձ կրծել, կարծես խորխոզին, իսկ այդ պահին նա այնպես հարվածեց, իսկ այդ պահին նա այնպես թմբկահարեց։

Եվ այսպես, մինչ ամեն ինչ մնում էր բացարձակ անշարժության վիճակում, նա և՛ ձախ, և՛ աջ, իսկ հետո միաժամանակ երկու փայտիկներով, իսկ հետո խաչաձև և բավական էլ դուրեկան թմբկահարում էր և այդ անելիս պահպանում լուրջ տեսքը և չէր արհամարհում բազմազանությունը։ Հասարակ ռիթմը նույնչափ լավ էր հաղթահարում, որքան այդ առավել բարդը, հետո հանկարծ հրաժարվեց այդ ամենից, կենտրոնացավ միայն իր թիթեղի վրա՝ իմ կողմից ընկալվելով ոչ թե որպես կրոնական երևույթ կամ որպես մոլեգնած լանդսկնեխտ, այլ զուտ երաժշտական տեսանկյունից։ Չէր քամահրում մոդայիկ երգերը, ի թիվս այլ գործերի կատարում էր նաև այն, ինչը այդ ժամանակ լսում էին բոլորը՝ «Ամեն ինչ կանցնի», դե և իհարկե «Լիլի Մարլեն»։ Դանդաղ, սակայն փոքր֊ինչ դողալով, իմ կողմը թեքեց իր խուճուճ, Բրոնսկու երկնագույն մանուշակագույն աչքերով գլուխը, անբարտավանորեն ժպտաց, ինչից հետո ներկայացրեց Օսկարի սիրված գործերը պոպուրիի ձևով։ Սկզբում կատարեց «Ապակի֊բաժակ֊ըմպանակը», թեթևակի հնչեցրեց «Դասացուցակը»։ Այս տիպը հաստատ, ինչպես և ես, Գյոթեին ներկայացնում էր ընդդեմ Ռասպուտինի․ նա ինձ հետ բարձրացավ Շարքավոր աշտարակի վրա, ինձ հետ մտավ ամբիոնների տակ, ծովապատնեշների մոտ օձաձկներ որսաց, իմ կողքից քայլեց իմ խեղճ մայրիկի դագաղի ետևից, որը զգալիորեն նեղանում էր ոտքերի մասում, իսկ հետո կրկին ու կրկին, և դա ինձ ամենից շատ էր ապշեցնում, սուզվում էր իմ Աննա Կոլյայչեկ տատիկի շրջազգեստի տակ։

Այդ ժամանակ Օսկարը մոտեցավ։ Ինչ֊որ բան նրան ձգեց ավելի մոտ։ Այդ պահին նա ցանկացավ ոտքը դնել ուղեգորգի վրա, չէր ցանկանում այլևս սալաքարերի վրա կանգնել։ Զոհասեղանի առջևի աստիճանները փոխարինում էին մեկը մյուսին։ Եվ այսպես, ես բարձրացա նրա մոտ՝ չնայած կգերադասեի տեսնել, թե ինչպես է նա ինջնում ներքև։

― Հիսուս, ― ես քերելով հավաքեցի իմ ձայնի մնացորդները, ― Հիսուս, մենք այդպես չէինք պայմանավորվել, անմիջապես ինձ վերադարձրու իմ թմբուկը։ Դու ունես խաչ, և դա քեզ բավական է։

Կտրուկ, խոսքիս կեսի վրա, չընդհատելով, նա խաղը հասցրեց մինչև վերջ, չափազանցված զգուշությամբ փայտիկները խաչեց թիթեղի վերևում և առանց վիճաբանության մեկնեց ինձ այն, ինչը Օսկարը նրան թեթևամտորեն օգտագործելու էր տվել։

Ես պատրաստվում էի արդեն բացարձակապես առանց շնորհակալական խոսքերի շտապողաբար փախչել աստիճաններով, կարծես իմ ետևից մեկ տասնյակ սատանաներ են ընկել, փախչել կաթոլիցիզմից, սակայն այստեղ մի հաճելի, չնայած և հրամայական, ձայն դիպավ իմ ուսին․

― Օսկար, սիրո՞ւմ ես արդյոք դու ինձ։

Չշրջվելով՝ ես ուսիս վրայով ասացի․

― Չեմ կարծում։

Դրան ի պատասխան՝ նա նույն ձայնով ասաց․

― Օսկար, սիրո՞ւմ ես, արդյոք, դու ինձ։

― Ցավում եմ, բայց ասում եմ, ինչպես կա։

Երրորդ անգամ նա ինձ նորից դիմեց․

― Օսկար, սիրո՞ւմ ես, արդյոք, դու ինձ։

Եվ այստեղ Հիսուսը կարող էր տեսնել իմ դեմքը։

― Ես քեզ տանել չեմ կարող, քեզ ու բոլոր քո խորամանկությունները։

Իմ կոպիտ պատասխանը, որքան էլ տարօրինակ է, թույլ տվեց, որ նա հաղթանակի։ Նա պարզեց ցուցամատը, ինչպես ժողովրդական դպրոցի այն ուսուցչուհին, և ինձ հանձնարարություն տվեց․

― Դու, Օսկար, քար ես, և ես այդ քարի վրա իմ եկեղեցին կստեղծեմ։ Հետևիր ինձ։

Դուք միայն պատկերացրեք իմ վրդովմունքի ողջ խորությունը։ Իմ մարմինը դրանից փշաքաղվեց։ Ես կոտրեցի նրա ոտքի գիպսե մատը, սակայն նա այլևս չէր շարժվում։

― Ապա, մեկ էլ կրկնիր, ― ֆշշացրեց Օսկարը, ― և ես ողջ ներկը կքերեմ քո վրայից։

Սակայն ի պատասխան ոչ մի բառ չհնչեց, այլ լսվեցին այն ծերունու քայլերը, որը դարերից ի վեր ներբաններով քարշ է գալիս բոլոր եկեղեցիներով։ Նա խոնարհվեց ձախ զոհասեղանին, իսկ ինձ ամենևին չնկատեց, ոտքերը քարշ տալով գնաց առաջ՝ արդեն մոտենալով Ադելբերտ Պրագացուն, սակայն այստեղ ես աստիճաններով արագ իջա ներքև՝ ուղեգորքի վրայից սալաքարերի վրա, քարերի շախմատային նախշերի վրայով, ետ չնայելով դեպի Մարիան, որը հենց այդ րոպեին ճշտորեն, ինչպես ես նրան սովորեցրել էի, խաչակնքվում էր կաթոլիկական խաչով։

Ես բռնեցի նրա ձեռքը և տարա դեպի ցողամանը, ստիպեցի նրան եկեղեցու կենտրոնում, գրեթե արդեն մոտ շքամուտքին, մեկ անգամ ևս խաչակնքնվել խաչի նշանով՝ դեմքով շրջվելով դեպի զոհասեղանը, սական ինքս չկրկնեցի նրա շարժումները։ Ավելին, երբ նա ցանկացավ ծնկի գալ, եկեղեցուց դուրս քաշեցի դեպի արևը։ Վաղ երեկո էր։ Արևելյան բանվորուհիները անհետացել էին երկաթուղային հողաթմբից։ Դրա փոխարեն քաղաքամերձ Լանգֆուր կայարանի դիմաց շարժվում էր բեռնատար շարժակազմը։ Մոծակները ողկույզներով կախվել էին օդում․ ղողանջեցին զանգերը, սակայն գնացքի թխկթխկոցը խլացրեց զանգերի ձայնը։ Մոծակները էլի նույն ձևով կախվել էին ողկույզներով։ Մարիան արտասվաթաց աչքեր ուներ։ Օսկարը պատրաստ էր կոկորդով մեկ գոռալ։ Ինչպե՞ս ես Հիսուս լինեմ։ Ես պատրաստ էի գործի դնել իմ ձայնը։ Իմ ինչի՞ն է նրա խաչը։ Սակայն ես շատ լավ հասկանում էի, որ իմ ձայնի ուժը չի պատի նրա եկեղեցու ապակիների վրա։ Թող այսուհետ ևս իր Եկեղեցին կառուցի Պետրոս կամ Պետրի անունով կամ թե լրիվ արևելապրուսական ոճով՝ Պետրիկայթ անունով մարդկանց վրա։

― Զգուշացի՛ր, Օսկար, ձեռք մի տուր եկեղեցու ապակիներին, ― շշնջաց իմ միջի սատանան։ ― Տես, որ հանկարծ նա քո ձայնը չկործանի։

Այդ իսկ պատճառով ես դեպի վեր միայն մեկ հայացք նետեցի, չափեցի մեկ նորգոթական պատուհան, հետո աչքերս հեռացրի, սակայն չերգեցի, չգնացի իմ հայացքի ետևից, այլ Մարիայի կողքով Բանհոֆշտրասեով, թունելի միջով դեպի դուրս հանգիստ քայլեցի դեպի ստորգետնյա անցումը, որտեղ առաստաղից կաթիլներ էին ընկնում։ Հետո դեպի վեր՝ Քլյայհամերպարկ, դեպի աջ, մսագործ Վոգեմուտի կրպակի մոտով Մարիենշտրասե, Էլզենշտրասեով դեպի ձախ, Շտրիսբախով դեպի Նոր շուկա, որտեղ հակաօդային պաշտպանության համար արհեստական լճակ էին փորում։ Լաբեսվեգը երկար փողոց էր, և, այնուամենայնիվ, մենք վերջապես եկանք, այդ ժամանակ Օսկարը Մարիային լքեց և վազքով հաղթահարեց 90 աստիճանները դեպի ձեղնահարկ։ Այնտեղ սավաններ էին չորանում, իսկ սավաններից այն կողմ վեր էին խոյանում այդ նույն հակաօդային պաշտպանությանը անհրաժեշտ ավազի կույտերը, իսկ ավազից ու դույլերից այն կողմ, հին թերթերի տրցակների ու կղմինդրե դարսակույտերի ետևում գտնվում էր իմ գիրքը և ռազմաճակատային թատրոնի ժամանակներից մնացած թմբուկների պահուստը։ Եվ էլի կոշիկների տուփի մեջ դրված էին մի քանի իրենց դարն ապրած, սակայն իրենց տանձանման կարռուցվածը պահպանած էլեկտրական լամպեր։ Օսկարը վերցրեց առաջինը, իր ձայնով կտրատեց, վերցրեց երկրոդը, այն ապակու փոշի դարձրեց, երրորդի վրայից խնամքով անջատեց վերին հաստացված մասը, չորրոդի վրա գեղեցիկ տառերով կտրեց «Քրիստոս» անունը, ինչից հետո թե՝ ապակին և թե՛ գրությունը վեր ածեց փոշու։ Ցանկացավ ևս մեկ անգամ կրկնել այդ սխրանքը, սակայն ասյտեղ թարսի պես նրա լուցկիները վերջացան։ Ես ամբողջովին ուժասպառ եղած իջա հակաօդային պաշտպանության ավազի կույտի վրա․ ստացվում է Օսկարը դեռ պահպանել է ձայնը։ Եվ նշանակում է, որ պահպանվել է Հիսուսի հնարավոր ժառանգորդը։ Ինչ մնում է մաքրողներին, ապա առաջիկայում նրանք պետք է իմ առաջին աշակերտները դառնային։


Մաքրողները

Չնայած Օսկարը պիտանի չէ դառնալու Քրիստոսի ժառանգորդը՝ գոնե միայն այն պատճառով, որ ինձ համար այնչափ դժվար է իմ շուրջը աշակերտներ հավաքելը, սակայն Հիսուսի այն ժամանակվա կոչը տարբեր զարտուղի ճանապարհներով հասավ իմ ականջներին և ինձ ժառանգորդ դարձրեց՝ չնայած ես իմ նախակարապետին չէի հավատում։ Սակայն, համաձայն իմ կանոնների, ով կասկածում է, նա հավատում է, իսկ ով չի հավատում, նա բոլորից ավել է հավատում՝ ինձ չհաջողվեց կասկածների բեռի տակ թաղել փոքրիկ հրաշքը, որը Քրիստոսի սիրտը եկեղեցում հայտնվեց անձամբ ինձ, ավելին՝ ես փորձեցի Քրիստոսսին դրդել, որպեսզի կրկին թմբուկով համերգ տա։

Օսկարը առանց Մարիայի շատ անգամ այցելեց հիշատակված եկեղեցին։ Ես կրկին ու կրկին աննկատ հեռանում էի Տրուչինսկի մայրիկից, որը գամված էր բազկաթոռին և այդ իսկ պատճառով չէր կարող հետևել ինձ։ Սակայն ինչով կարող էր ինձ պատիվ տալ Հիսուսը։ Ինչու էի ես ամբողջ գիշերներ անցկացնում ձախ կցաշինությունում՝ թույլ տալով, որպեսզի ծառայողները դուռը ինձ վրա փակեն։ Ինչու էին ձախ կցաշինությունում Օսկարի ականջները ապակիանում, իսկ մարմնի բոլոր անդամները քարանում։ Քանզի, չնայած ջախջախիչ հնազանդությանը և նույնչափ անարգիչ աստվածանարգությանը, ես չէի կարողանում լսել ո՛չ իմ թմբուկի և ո՛չ Հիսուսի ձայնը։

Գթա՛, Տեր Աստված։ Ողջ կյանքում ինձ չի վիճակվել լսել, որ ես ատամներով չխկչխկացնեմ այնպես, ինչպես չխկչխկացնում էի կեսգիշերին Քրիստոսի սիրտը եկեղեցու սալաքարերի վրա։ Ո՞ր հիմարը այդ ժամանակ կկարողանար ավելի լավ ճչանակ գտնել, քան Օսկարը։ Ես նմանակում էի ռազմաճակատային դրվագին, որը լի էր գնդացիրների շռայլ կտկտոցներով, ես իմ վերին ու ներքին ծնոտների արանքում սեղմում էի ապահովագրական գործակալական մի ողջ ընկերություն՝ աղջիկ մեքենագրուհիներին ու գրամեքենաները գումարած։ Ձայները թռչում էին տարբեր կողմեր՝ գտնելով արձագանք ու ծափահարություններ։ Ե՛վ սարսուռը ցնցեց սյուները, և՛ փշաքաղվեցին կամարները, և՛ իմ հազը մի ոտքի վրա արշավում էր սալաքարերի շախմատյա նախշերի վրայով, խաչակրած ուղի էր, սակայն հակառակ ուղղությամբ՝ միջին նավից մինչև երգչախումբը, վաթսուն հազոցներ բախյան ֆերեյն, որը հազը ոչ թե երգում, այլ ավելի շուտ պարապում էր, և, երբ ես արդեն լցվեցի հույսով, Օսկարի հազը սողալով մտավ երգեհոնի խողովակների մեջ։ Այն իրեն իմաց կտա միայն կիրակնօրյա բազմագույն օրհներգի ժամանակ, անմիջապես դրանից հետո հազը հնչեց խորանում՝ խաչի վրայի մարմնամարզիկի թիկունքում՝ հազի հետ դուրս մղելով իր հոգին։ Իրականացավ՝ իմ հազը հազում էր, իսկ չէ՞ որ իրականում ոչինչ չիրականացավ։ Մանուկ Հիսուսը անամոթաբար ու անխճորեն իր մոտ էր պահում իր փայտիկները, սակայն ո՛չ թմբկահարում էր, ո՛չ էլ հաստատում իր ետևից գնալու իմ իրավունքը։ Իսկ Օսկարը կգերադասեր ունենալ գրավոր հաստատում, Քրիստոսի ետևից գնալու գլխավոր հրահանգ։

Այդ ժամանակներից ի վեր իմ մեջ ձևավորվեց լավ կամ վատ սովորություն՝ ցանկացած եկեղեցու նույնիսկ ամենահայտնի տաճարների զննման ժամանակ, անմիջապես՝ հազիվ ոտքս սալաքարերի վրա դրած, և հրաշալի ինքնազգացողություն ունենալով, բռնկվել երկարատև հազով, որը, կախված եկեղեցու ոճից, բարձրությունից ու լայնությունից, ներկայանում է որպես գոթական կամ ռոմանտիկական և, կամ ընդհանրապես, բարոկկոյի նմուշ։ Նույնիսկ շատ տարիներ անց ինձ թույլ է տալիս թմբուկի վրա վերարտադրել իմ հազը կամ Ուլմայի, կամ այն է՝ Շպեյերի տաճարում։ Սակայն այն ժամանակներում, երբ օգոստոսյան շոգ օրերին ես ենթարկվեցի կաթոլիցիզմի գերեզմանային սառնության ազդեցությանը, զբոսաշրջիկության և հեռավոր երկներում եկեղեցիներ այցելեու մասին կարելի էր մտածել միայն հագնելով զինվորական համազգեստը, մասնակցելով պլանավորված նահանջին և միգուցե անփոփոխ օրագրում գրելով․ «Այսօր թողեցինք Օրվետոն՝ եկեղեցական ամենազարմանալի ճակատային մասը, պատերազմից հետո գալ Մոնիկայի հետ և ուսումնասիրել ավելի ուշադիր»։

Որքան էլ տարօրինակ է, Մացերատը դանդաղկոտությամբ, սակայն սրտանց, պաշտպան է կանգնում ինձ։ Օսկարը զարմանքով դիմանում էր, երբ նախկինում իր համար ոչինչ չարժեցող այդ մարդը նրան նստեցնում էր իր ծնկներին, սեղմում, դիտում, մեկ անգամ նույնիսկ համբուրեց, ինքը դա անելիս ազդվեց և ավելի շուտ ոչ թե Մարիային, այլ ինքն իրեն դիմելով ասաց․

― Ախր, այդպես չի կարելի։ Ախր, չի կարելի հարազատ որդուն։ Թող որ նա նույնիսկ տասը անգամ և թող բոլոր բժիշկները մեզ ասեն։ Նրանք ուղղակի գրում են այդպես։ Հավանաբար նրանք չունեն իրենց երեխաները։

Մարիան, որ նստած էր սեղանի մոտ և, ինչպես ամեն երեկո, թերթերի հակառակ երեսներին սոսնձում էր մթերային քարտերի կտրոնները, բարձրացրեց հայացքը․

― Դե, մի՛ անհանգստացիր, Ալֆրեդ, կարելի է կարծել, իբր ես դրա վրա թքած ունեմ։ Սակայն, եթե նրանք ասում են, ես արդեն չգիտեմ էլ, թե որն է ավելի ճիշտ։

Մացերատը ցուցամատով ցույց տվեց դաշնամուրի կողմը, որն իմ խեղճ մայրիկի մահվանից հետո արդեն մոռացել էր նույնիսկ երաժշտության մասին մտածելը․

― Ագնեսը անձամբ երբեք նման բան չէր անի և ուրիշներին էլ թույլ չէր տա։

Մարիան նայեց դաշնամուրին, ուսերը բարձրացրեց և իջեցրեց միայն, երբ սկսեց խոսելը․

― Ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ, երբ նա մայր է և թերևս միշտ հույս է ունեցել, որ նրա վիճակը կլավանա։ Ախր, ինքդ էլ ես ասում, ոչինչ էլ չի լավացել, բոլորը նրան հալածում են, ոչ կարող է բոլորի նման ապրել, ոչ էլ մեռնել։

Արդյո՞ք Մացերատը ուժ չէր ստանում Բեթհովենի դիմանկարից, որը դեռևս կախված էր դաշնամուրի ետևում և մռայլորեն նայում էր մռայլ Հիտլերին։

― Ոչ, ― գոռաց Մացերատը։ ― Ոչ մի դեպքում։ ― Եվ բռունցքով թրխկացրեց սեղանին, ուղիղ կպչուն թերթի էջերին։ Հետո Մարիային կարգադրեց իրեն տալ հաստատության տնօրերնի նամակը, մեկ կարդաց և էլի և երրորդ, նամակը պատառոտեց և կտորները շաղ տվեց հացի կտրոնների, այլ մթերքների և ծանր արտադրության մեջ զբաղվածների կտրոնների վրա։ Եվ Օսկարը Մացերատի շնորհիվ բժիշկների ձեռքը չընկավ։ Նա այդ ժամանակվանից ի վեր պատկերացնում էր իրեն և պատկերացնում է մինչ օրս (հենց որ տեսնում է Մարիային) հազվագյուտ գեղեցկության, բարձր լեռնային լայնարձագության մեջ տեղակայված հիվանդանոցը, իսկ այդ հիվանդանոցում լուսավոր, ժամանակակից ձևով հյուրընկալ վիրաբուժական սենյակը։ Տեսնում է, թե ինչպես է նրա երեսպատված դռան առջև Մարիան վախվորած, սակայն վստահությամբ լի ժպիտով ինձ հանձնում բժիշկների ձեռքը, որոնք ճիշտ նույն ձևով, վստահություն ներշնչելով, ժպտում են և իրենց սպիտակ մանրէազերծ խալաթների տակ թաքցնում ակնթարթորեն ներգործող, վստահություն ներշնչող ներարկիչները։ Եվ այսպես, աշխարհը լքել էր ինձ, և միայն իմ խեղճ մայրիկի ստվերն էր, որ շղթայում էր Մացերատի մատները, երբ նա կարծես արդեն պատրաստվում էր ստորագրել առողջության պաշտպանության նախարարությունից ուղարկված թուղթը, մեկ կամ երկու անգամ չէ, որ նա արգելք հանդիսացավ այն բանին, որ ես՝ բազմակի անգամ լքվածս, լքեմ այս աշխարը։

Օսկարը չէր կամենում անշնորհակալ լինել։ Ինձ մոտ դեռ մնում էր իմ թմբուկը։ Մնում էր և ձայնս, որը հազիվ թե կարողանար մի ինչ֊որ նոր բան առաջարկել ձեզ, ովքեր գիտեն ապակու հանդեպ իմ հաղթանակների մասին, և որը լիովին կարող էր ձանձրացնել նրանց, ովքեր սիրում են բազմազանությունը։ Սակայն ինձ համար Օսկարի ձայնը, ի լրումն թմբուկի, ընդմիշտ մնում էր իմ գոյության չխամրող հաստատումը, քանի դեռ ես գոյություն ունեի և երգելով ապակի էի կտրում, քանի դեռ իմ նպատակաուղղված շնչառությունը խլում էր ապակու շնչառությունը, իմ մեջ դեռ պահպանվում էր կյանքը։ Այն ժամանակներում Օսկարը շատ էր երգում։ Երգում էր շատ՝ մինչև հուսալքություն։ Ամեն անգամ ուշ ժամին Քրիստոսի սիրտը եկեղեցուց դուրս գալով՝ ես իմ ձայնով անպայման ինչ֊որ բան էի կտրում։ Ես տուն էի գնում, ես նույնիսկ ոչ մի առանձնահատուկ բան չէի փնտրում, ես որպես նպատակակետ էի ընտրում մի ինչ֊որ ձեղնաբնակարանի վատ մթնեցված պատուհանը կամ կապույտ գույնով ներկված և հակաօդային պաշտպանության կանոններին խիստ համապատասխան այրվող լապտերը։ Ամեն անգամ լինելով եկեղեցում՝ ես ուրիշ ճանապարհով էի վերադառնում։ Մի անգամ Օսկարը Մարիենշտրասե գնաց Անտոն֊Մյոլերվեգով։ Ուրիշ անգամ նա ընտրեց Ուպհագենվեգը, Կոնրադյան գիմնազիայի մոտ։ Ստիպեց, որ նրա ապակեպատ շքամուտքը զնգզնգա և ռայսխկոլոնիայի միջով դուրս եկավ Մաքս֊Հալբե֊պլացի մոտ։ Երբ օգոստոսյան վերջին օրերից մեկին ես չափազանց ուշ հասա եկեղեցի և շքամուտքը տեսա փակված, որոշեցի սովորականից ավելի մեծ շրջերթ կատարել, որպեսզի արտաշնչում տամ իմ ափսոսանքին։ Ես սկսեցի վազել Բանհոֆշտրասեով՝ ճանապարհին մահապատժի ենթարկելով յուրաքանչյուր երրորդ լապտերը։ Կինոյի պալատից անցնելով՝ թեքվեցի աջ՝ դեպի Ադոլֆ֊Հիտլեր֊շտրասե, անցա ինձանից ձախ հետևակային զորանոցների պատուհանների շարքը, սակայն իմ բորբոքվածությունը կարողացա պաղեցնել Օլիվի կողմից մոտեցող կիսադատարկ տրամվայի վրա, որի ձախ կողմը ես ամբողջովին զրկեցի մգացված ապակիներից։

Սակայն Օսկարը իր հաջողությանը ոչ մի ուշադրություն չդարձրեց, նա ստիպեց, որ տրամվայը կրճտալով կանգ առնի, ստիպեց, որ ուղևորները նրա միջից իջնեն, հայհոյեն ու կրկին բարձրանան։ Իսկ ինքը, անուշեղենների նման աղքատիկ ժամանակներում, իր ցասման համար մի ինչ֊որ դեսերտի նմանվող համեղ պատառ էր փնտրում և կանգնեցրեց իր քուղակապ կոշիկների ընթացքը, միայն երբ հասավ Լանգֆուրի առաջին տներին և հյուսն Բերենդի արհեստանոցի մոտ, լուսնի լույսի ներքո, օդանավակայանի փայտաշեն լայն տարածված ավանի դիմաց տեսավ «Բալթիկ» հրուշակեղենի ֆաբրիկայի գլխավոր մասնաշենքը։

Բայց իմ ցասումը այնքան մեծ չէր, որպեսզի անմիջապես փորձված եղանակով ֆաբրիկային զեկուցեի իմ ներկայության մասին։ Ես որոշեցի չշտապել, և կրկին հաշվեցի արդեն լուսնի լույսի կողմից հաշված ապակիները։ Իմ հաշվարկները համընկան նրա հաշվարկի հետ, և նշանակում է, որ ես կարող էի ներկայացումը սկսել, սակայն ցանկացա նախ և առաջ իմանալ, թե ովքեր էին այն դեռահասները, որոնք Հոխշրիսից և, հնարավոր է նաև, Բանհովշտրասեի շագանակենիների տակից սկսած գալիս էին իմ հետքերով, վացը կամ յոթը կանգնած էին Հոհենֆրիդբերգերվեգի տրամվայի կանգառի կիսածածկի տակ։ Եվ հինգին կարելի էր տեսնել Սոպոտ տանող մայրուղու առաջին ծառերից այն կողմ։

Ես կարծես արդեն որոշել էի հետաձգել շոկալադի ֆաբրիկա իմ այցելությունը, զարտուղի ճանապարհ ընտրելով՝ խուսափել հանդիպումից և գաղտագողի անցնել երկաթուղային կամուրջը, օդանավակայանի կողքով, ամառանոցային ավանի միջով, դեպի Քլյայնհամերվեգի բաժնետիրական գարեջրի գործարանը, երբ արդեն կամուրջի վրայից Օսկարը ներդաշնակ ազդանշանի նմանվող սուլոցներ լսեց։ Այլևս կասկածներ չմնացին․ այս ամենն ուղղակի կապ ունի ինձ հետ։

Նման իրավիճակում, ժամանակի այն կարճատև հատվածում, երբ հետապնդողները արդեն բացահայտված են, իսկ որսը դեռ չի սկսվել, կարելի է անշտապ և հաճույքով ուսումնասիրել փրկության վերջին հնարավորությունները։ Եվ այսպես, Օսկարը կարող էր բարձր ձայնով «հայրիկ» կամ «մայրիկ» բղավել։ Դա թեև ոչ բոլոր, սակայն գոնե ինչ֊որ մի ոստիկանի ուշադրությունը կգրավեր։ Ինչը, հաշվի առնելով իմ արտաքին տեսքը, անկասկած կապահովեր մեծահասակների կողմից ինձ աջակցելը, սակայն ես, ինչպիսին երբեմն լինում էր Օսկարը, կրտականապես հրաժարվեցի մեծահասակ անցորդների օգնությունից ու ոստիկանության աջակցությունից։ Որոշեցի հանուն հետաքրքրքության ու հանուն ինքնահաստատման անցնել ամեն ինչի միջով և այդ իսկ պատճառով ընտրեցի ամենաանմիտ տարբերակը՝ շոկոլադի ֆաբրիկայի ձյութով քսված ցանկապատի վրա ես սկսեցի մի անցք որոնել։ Չգտա, բայց կարող էի տեսնել, թե ինչպես են այդ նույն դեռահասները առաջ շարժվում տրամվայի կանգառի կիսածածկի տակից և Սոպոտի մայրուղու ծառերի ստվերից։ Օսկարը շարունակեց քայլել ցանկապատի երկայնքով, այդ ժամանակ նրանք իջան կամրջից, իսկ տախտակապատ ցանկապատի վրա այդպես էլ անցքեր չկային։ Նրանք շատ արագ էին մոտենում, ավելի շուտ՝ օրորվելով, ցանկության դեպքում Օսկարը դեռ էլի կարող էր փնտրել (նրանք ինձ ճիշտ այնքան ժամանակ էին ընձեռել, որքան պետք է անցք գտնելու համար), երբ ի վերջո պարզվեց, որ, այնուամենայնիվ, ցանկապատի վրա մի տեղում պակասում է միակ շերտաձողիկը, և ես, հագուստս ինչ֊որ տեղ պատռելով, խցկվեցի նեղ ճեղքի միջով, ցանկապատի մյուս կողմում ինձ արդեն սպասում էին քամապաշտպան հագուստներով չորս տղաներ, որոնք իրենց թաթերը մտցրել էին դահուկորդների շալվարների գրպանները՝ դրանք նկատելիորեն առաջ ցցելով։

Անմիջապես հասկանալով ստեղծված իրավիճակի անխուսափելիությունը՝ ես սկեսցի փնտրել իմ հագուստի վրայի այն անցքը, որն առաջացել էր, երբ ես խցկվելով անցել էի չափից դուրս նեղ ճեղքի միջով։ Ես անցքը գտա շալվարի ետևի մասի աջ կողմում։ Բացելով երկու մատներս՝ ես չափեցի անցքը և տեսա, որ այն չափից դուրս մեծ է, դեմքիս անտարբեր արտահայտություն տվեցի և չշտապեցի աչքերս բարձրացնել, քանի դեռ տրամվայի կանգառի մայրուղու և կամրջի վրայի բոլոր տղաները չեն անցել ցանկապատի միջով, քանզի նրանց համար անցքը հարմար չէր։

Դեպքը տեղի էր ունենում օգոստոսի վերջին օրերին։ Ժամանակ առ ժամանակ ամպը ծածկում էր լուսնին։ Ես հաշվեցի մոտ քսան տղաների։ Փոքրերը՝ մոտ տասնչորս տարեկան, մեծերը գրեթե տասնվեց֊տասնյոթ տարեկան էին։ Քառասունչորս թվի ամառը չորային էր ու տաք։ Նրանցից առավել մեծահասակներից չորսի հագին կային զենիթային օժանադակ անձնակազմի մարտիկների համազգեստներ։ Ես հիշում եմ, որ քառասունչորս թիվը առատ էր բալի բերքով։ Տղաները փոքրիկ խմբերով կանգնել էին Օսկարի չորսբոլորը և կիսաձայն բանակցում էին՝ օգտագործելով ժարգոնը, որը հասկանալու համար ես նույնիսկ նվազագույն ջանք անգամ չէի գործադրում։ Դրանից զատ, նրանք միմյանց անսովոր անուններով էին կոչում, որոնցից մի քանիսը ես հիշում եմ։ Այսպես օրինակ, տասնհինգ տարեկան տղայի, որը նկատելի քնքուշ, եղնիկի նման աչքեր ուներ, փոխ առ փոխ Դմբուզ կամ Գռփող էին անվանում։ Նրան, որը նրա կողքին էր, անվանում էին Փութե։ Հասակով, սակայն ակնհայտորեն ոչ տարիքով ամենափոքր, շվշվացնելով խոսող, առաջ ցցված ներքին շուրթովին՝ Ածխագող։ Զենիթայիններից մեկին Պարոն էին անվանում, մյուսին, և պետք է ասել, որ շատ դիպուկ, Ապուրի Հավ, հանդիպում էին նաև պատմական անուններ՝ Առյուծասիրտ, մի ինչ֊որ սփրթնած տիպի կոչում էին Կապույտ Մորուք։ Ինձ հաջողվեց նաև իմ ականջի համար անսովոր անուններ լսել, ինչպես օրինակ, Տոտիլա ու Տեյա և նույնիսկ իմ կարծիքով բավական հանդուգն՝ Վելիզարիոս ու Նարսես, Շտյորտեբեքերին, որը գլխին շատ ճմռթված վելվետե գլխարկ ու չափից դուրս երկար անձրևանոց ուներ, ես ավելի ուշադիր ուսումնասիրեցի, քան մյուսներին, չնայած իր տասնվեց տարեկան հասակին, նա ակնհայտորեն այդ խմբի առաջնորդն էր։ Ոչ ոք Օսկարի վրա ուշադրություն չէր դարձնում, հավանաբար ուզում էին նրան սպասումով հոգնատանջ անել, և այդ իսկ պատճառով ես, կիսով չափ զվարճանալով, կիսով չափ ինքս ինձ վրա զայրանալով այն բանի համար, որ խրվել էի այս բակային հիմարավուն ռոմանտիկայի մեջ, հոգնածությունից նստեցի իմ թմբուկի վրա, աչքերս բարձրացրեցի դեպի արդեն գրեթե լիալուսինը և փորձեցի գոնե իմ մտքերի մի մասն ուղղել դեպի Քրիստոսի սիրտը եկեղեցին։

Իսկ Հանկա՞րծ ու նա հենց այսօր պիտի թմբկահարեր։

Հանկարծ գոնե մի բառ ասեր, իսկ ես ահա նստել եմ շոկոլադի ֆաբրիկայի բակում և մասնակցում եմ կլոր սեղանի ասպետների ավազակային դատարկ ժամանցներին։ Հանկարծ ու հենց այսօր է նա ինձ սպասում և պատրաստվում է թմբուկի վրա կարճ նախերգանքից հետո կրկին բերանը լայն բացել և ավելի հստակ ինձ ժառանգորդ հռչակել, իսկ այժմ հիասթափված է, որ ես չեմ գնում և ամբարտավանորեն բարձրացնում է հոնքերը։ Հետաքրքիր է, թե ինչ կմտածեր Հիսուսը այս տղաների մասին։ Եվ ինչպես պետք է Օսկարը՝ նրա նմանակը, նրան նմանակողն ու ժառանգորդը, իրեն պահի այս ավազակախմբի հետ։ Կարո՞ղ է նա, արդյոք, այն դեռահասներին, որոնք իրենց անվանում են Փութե, Դմբուզ, Կապույտ մորուք և Շտյորտեբեքեր, դիմել Հիսուսի խոսքերով․ «Բաց թողեք երեխաներին և մի արգելեք նրանց գալ ինձ մոտ»։

Շտյորտեբեքերը մոտեցավ։ Նրա կողքին է նրա աջ ձեռքը՝ Ածխագողը։

Շտյորտեբեքեր․

― Վեր կաց։

Օսկարի աչքերը առաջվա պես ուղղված էին դեպի լուսինը, մտքերը՝ դեպի եկեղեցու ձախ կցաշինությունը, այդ իսկ պատճառով չկանգնեց, և Ածխագողը Շտյորտեբեքերի հրամանով ոտքի հարվածով տակիս թմբուկը հանեց։

Ոտքի կանգնելով՝ ես թմբուկս թաքցրեցի բաճկոնիս տակ, որպեսզի այն առավել հուսալի պահպանեմ հետագա վնասվածքներից։ Դուրեկան տղա է այս Շտյորտեբեքերը, մտածեց Օսկարը, ճիշտ է, աչքերը փոքր֊ինչ խորն են տեղավորված և փոքր֊ինչ ավելի մոտ, քան պետք է, սակայն դրա փոխարեն դեմքի ներքևի մասը շարժուն է ու գիտակից։

― Դու որտեղի՞ց ես գալիս։

Եվ այսպես սկսվում է հարցուփորձը, և քանի որ այդ ողջույնը իմ սրտով չէր, ես կրկին աչքերս հառեցի դեպի լուսնի սկավառակը, պատկերացրեցի, որ լուսինը, որը պատրաստ է ամեն ինչի դիմանալ, թմբուկ է, և ինքս զարմացա այդ աստիճան անպահանջախնդիր վեհության մոլուցքիս համար։

― Շտյորտեբեքե՛ր, նայի՛ր, նա ժպտում է։

Ածխագողը ուշադիր հետևում էր ինձ և իր շեֆին առաջարկում այն, ինչ նրանց մոտ անվանում են «մաքրում»։ Մյուսները հետին պլանում, իսկ հատկապես պզուկոտ Առյուծասիրտը, Պարոնը, Դմբուզը և Փութեն, բոլորը կողմ էին մաքրմանը։

Առաջվա նման աչքերս լուսնից չկտրելով՝ ես մաքրում բառը մասնատում էի տառերի։ Գեղեցիկ բառ է, միայն հազիվ թե նա ինչ֊որ հաճելի բան խոստանա։

― Այստեղ ես եմ որոշում՝ երբ սրբել։ ― Այսպես Շրյորտեբեքերը ի մի բերեց իր ավազակախմբի փնթփնթոցը, ինչից հետո դիմեց ինձ․

― Մենք քեզ շատ անգամ ենք տեսել Բանհովշտրասեում։ Ի՞նչ էիր անում այնտեղ։ Որտեղի՞ց ես եկել։ Միաժամանակ երկու հարց։ Օսկարը պարտավոր է առնվազը մեկի պատասխանը տալ, եթե նա առաջվա նման ուզում էր լինել դրության տերը։ Հայացքս լուսնից կտրելով՝ ես իմ երկնագույն մագնիսական աչքերով նայեցի Շտյորտեբեքերին և հանգիստ արտասանեցի․

― Ես եկա եկեղեցուց։

Շտյորտեբեքերի անձրևանոցից այն կողմ, ետևում՝ խավար, թնդյուն։ Դրանք եկան լրացնելու իմ պատասխանը։ Ածխագործը կռահեց, որ եկեղեցի ասելով՝ նկատի ունեմ Քրիստոսի սիրտը եկեղեցին։

― Անունդ ի՞նչ է։

Դա անխուսափելի հարց էր։ Հանդիպման բնույթը դա էր ենթադրում։ Հարցուփորձերը մարդկային շփման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում։ Այդ հարցի պատասխանով են ապրում ավելի շատ կամ քիչ երկարատևության պիեսները, ինչպես սակայն և օպերաները, վերցնենք որպես օրինակ, «Լոէնգրինը»։

Ես սպասեցի այնքան, մինչև երկու ամպերի միջև փայլի լուսնի լույսը, այդ լույսին հնարավորություն տվեցի ժամանակի ընթացքում, որն անհրաժեշտ էր երեք գդալ ապուր կուլ տալու համար, իմ աչքերի երկնագույնությամբ ազդել Շյորտեբեքերի վրա և հետո շուրթերս բացեցի, տվեցի իմ անունը՝ նախանձելով այդ բառի ազդեցությանը, քանզի Օսկար անունը նրա մոտ ծիծաղից բացի ոչինչ չէր առաջացնի, և այսպես Օսկարն ասաց․ «Իմ անունը Հիսուս է», ինչից հետո երկարատև լռություն տիրեց, մինչև որ ի վերջո հազալով, Ածխագողը ասաց․

― Շե՛ֆ։ Նրան սրբելու ժամանակն է։

Ոչ միայն Ածխագողն էր սրբելու կողմնակից։ Անձամբ Շտյորտեբեքերը, մատներով ճտտացնելով, թույլտվություն տվեց, և Ածխագողը ինձ բռնեց, մատների ոսկորները սեղմեց իմ աջ ուսին և սկսեց դրանք շարժել արագ, գործնական, ջերմորեն, ցավագին, մինչև որ Շտյորտեբեքերը, մատները երկրորդ անգամ ճտտացնելով, հրամայեց դադարեցնել։ Նշանակում է, ահա, թե ինչ են նրանք «սրբել» անվանում։

― Դե, ուրեմն, ինչպե՞ս է քո անունը։

Թավշամահուդե գլխարկով Պարոնը այնպիսի տեսք ընդունեց, իբր ձանձրանում է, աջից բռնցքամարտիկի շարժում արեց, ինչից մի քիչ քշտվեց նրա թիկնոցի չափից դուրս երկար թևքը և երևաց ժամացույցը, իսկ ձախից իմ կողքով ինչ֊որ տեղ շշնջաց․

― Մտածելու համար տալիս եմ մեկ րոպե, հետո Շտյորտեբեքերը կասի «հերիք է»։

Դե՛ ինչ, Օսկարը գոնե մեկ րոպե կարող էր անարգել դիտահայել լուսնին, նրա խառնարաններում փնտրել ելքը և մինչև վերջ քննության ենթարկել Քրիստոսի ժառանգորդը դառնալու՝ մեկ անգամ ընդունած որոշումը։ Քանի որ «հերիք է» բառը ինձ դուր չեկավ և դրան գումարած ես չէի կամենում, որպեսզի այդ տղաները տնօրինեին ինձ, ինչպես իրենց ժամացույցները, Օսկարը մոտավորապես երեսունհինգ վայրկյան անց ասաց․

― Ես Հիսուսն եմ։

Այն, ինչը հետևեց դրան, բավականին տպավորիչ տեսք ուներ՝ չնայած որ իմ կողմից չէր բեմականացված։ Անմիջապես այն բանից հետո, երբ ես ինձ երկրորդ անգամ Քրիստոսի ժառանգորդ հռչակեցի, ավելի վաղ, քան Շտյորտեբեքերը հասցրեց մատներով ճտտացնել, իսկ Ածխագողը սկսել սրբումը, հնչեց օդային տագնապի ազդանշանը։

Օսկարը ասաց «Հիսուս», կրկին հոգոց քաշեց, և ազդանշանները մեկը մյուսի ետևից հաստատեցին իմ խոսքերը, սկզբում նա, որը հարևանությամբ էր՝ օդանավակայանի մոտ, հետո Հոխշտրասե փողոցում գտնվող գլխավոր հետևակային զորանոցի շենքի ազդանաշանը։ Հորսթ Վեսսելի գիմնազիայի վրայի ազդանշանը, որը հենց Լանգֆուրյան անտառի դեմ֊դիմացն էր։ Շտերնֆելդի հանրային խանութի ազդանշանը և բոլորովին հեռվում Հինդենբուրգալեից եկող բարձրագույն տեխնիկական դպրոցի ազդանշանը։ Որոշակի ժամանակ էր պահանջվում նախքան արվարձանի բոլոր երկար ու ականջ ծակող հրեշտակապետերի շեփորների պես ազդանշաններն ընկալեցին իմ բերած բարի լուրը, ստիպեցին, որ գիշերը ուռչի ու սմքի, երազները կայծկլտան ու պատառոտվեն, մտնեն քնածների ականջները։ Իսկ լուսնին, որի վրա կտրականապես հնարավոր չէր ազդել, հաղորդեցին մթնեցման չենթարկվող երկնային մարմնի չարագուշակ իմաստը։

Սակայն այդ նույն ազդանշանները, որոնք ինչպես Օսկարն ասաց, ամբողջապես իմ կողմից էին, ստիպեցին Շտյորտեբեքերին անհանգստանալ, քանզի ծառայողական մասով ազդանշանը անմիջականորեն կապ ուներ նրա ավազակախմբի մի մասի հետ։ Սկզբում նա ստիպված եղավ ուղղակի ցանկապատի միջով իր չորս զենիթայիններին բաց թողնել դեպի իրենց մարտկոցները, դեպի տրամվայների դեպոյի և օդանավակայանի միջև ընկած ութ, ստորակետ ութ դիրքերը։ Երեքը, դրանց թվում և Վելիզարիոսը, ծառայություն էին կատարում Կոնրադյան գիմնազիայում, այլ խոսքով, նույնպես պետք է անմիջապես հեռանային։ Իսկ մնացորդը՝ մոտավորապես տասնհինգ հոգուն նա պահեց իր մոտ և, քանի որ երկնքում ոչինչ չկատարվեց, շարունակեց հարցաքննությունը․

― Այսպիսով, եթե մենք քեզ ճիշտ հասկացանք, դու Հիսուսն ես։ Լավ, թողնենք դա։ Երկրորդ հարցը․ ինչպե՞ս ես դու լապտերների ու պատուհանների հետ դա սարքում։ Եվ մի՛ փորձիր խաբել, մենք ամեն ինչ գիտենք։

Հասկանալի է, որ նրանք ամեն ինչ չգիտեին։ Սակայն իմ ձայնի որոշ հաջողություններ նրանց, անկասկած, վիճակվել էր տեսնել։ Օսկարն ինքն իրեն խորհուրդ տվեց, որոշակի զսպվածություն պահպանել այն տհասների հետ, որոնց այսօր կարճ ու պարզորոշ կանվանեին խուլիգաններ։ Եվ ես աշխատեցի ներել նրանց բացահայտ և մասամբ ոչ ճկուն նպատակասլացությունը, որպեսզի նրանց ներողամտորեն և անկողմնակալ դատեմ։ Այսպիսով, դրանք տխրահռչակ սրբողներ էին, որոնց մասին արդեն մի քանի շաբաթ խոսում էր ողջ ժողովուրդը, դեռահասների հանցավոր խումբ, որոնց փնտրում էին քրեական ոստիկանությունը և հիտլերյուգենդի պարեկները։ Ինչպես պարզվեց հետագայում, բոլորը Կոնրադի, Պետրիշուլեի և Հորթսվեսելշուլեի գիմնազիաների գիմնազիականներ էին։ Գոյություն ուներ սրբողների ևս մի ավազակախումբ Նոյֆարվասերում, որը չնայած որ նույնպես գիմնազիստներն էին գլխավորում, սակայն, երկու երրորդով կազմված էր Շիխաուի նավաշինարանի և վագոնաշինական գործարանի աշակերտներից։ Երկու խմբերը հազվադեպ էին համագործակցում, իրականում միայն այն դեպքերում, երբ համատեղ սանրում էին Շիխաուգասեից Շտեֆենապարկ և գիշերը Գինդենբուրգալեում՝ փնտրում ՍՆԴ֊ի ֆյուրերուհիներին, որոնք երեկոյան պարապմունքներից հետո Երիտասարդական կենտրոնից վերադառնում էին Բիշովսբերգի միջով։ Խմբերը ձգտում էին ընդհարումներից խուսափել, գործունեության ոլորտները ուղղակիորեն սահմանազատված էին, և Շտյորտեբեքերը նոյֆարվասերյան հանցախմբի պարագլոխին ավելի շուտ ընկեր էր համարում, քան մրցակից։ Սրբողների ավազակախումբը աշխարհում ամեն ինչի դեմ էր։ Նրանք սրբում էին հիտլերյուգենդի ծառայողական կենտրոնները, ամենից առավել հետամտում էին տարբերանշաններին և ռազմաճակատայինների պարգևներին, նրանք զբոսայգում իրենց ընկերուհիների հետ զբաղվում էին սիրով, գողանում էին զենք, զինվորական՝ հանդերձանք, իրենց ավազակային կազմի մեջ մտնող զենիթայինների օգնությամբ զենիթային մարտկոցներից բենզին և իրենց գործունեության սկզբից ևեթ մեծ հարձակում էին ծրագրել տնտեսական վարչության վրա։

Ոչինչ չիմանալով ո՛չ կազմակերպության, ո՛չ սրբողների ծրագրերի մասին՝ Օսկարը, որն այդ ժամանակաշրջանում իրեն լքված ու դժբախտ էր համարում, հույս ուներ, որ այդ դեռահասների շրջանում իրեն հուսալիորեն պաշտպանված կզգար։ Իմ հոգու խորքում ես արդեն միաբան էի այդ տղաների հետ, արհամարհում էի տարիքային տարբերությունը․ ես շուտով քսան տարեկան էի դառնալու և ինքս ինձ ասացի․ «Իսկ ինչ կլինի, եթե դու այս տղաներին ցուցադրես քո արվեստի նմուշները։ Դեռահասները հետաքրքիր մարդիկ են։ Դու էլ ես ժամանակին տասնհինգ և տասնվեց տարեկան եղել։ Ներկայացրու նրանց նմուշը, ինչ֊որ բան ցույց տուր նրանց։ Նրանք կհիանան քեզնով, հնարավոր է, որ ինչ֊որ ժամանակ քեզ հնազանդվեն։ Դու լիովին ունակ ես փորձարկել քո՝ փորձով հղկված ազդեցությունը, ուրեմն էլ մի՝ ուշացրու, հետևի՛ր քո կոչմանը, քո շուրջը հավաքիր աշակերտներին և դարձիր Քրիստոսի ժառանգորդը։

Շտյորտեբեքերը հավանաբար կռահեց, որ իմ մտախոհությունը հիմնավոր պատճառներ ունի։ Նա ինձ ժամանակ տվեց, և ես դրա համար երախտապարտ եմ նրան։

Օգոստոսի վերջը։ Լուսնյակ, գրեթե անամպ գիշեր։ Օդային տագնապ։ Ափին՝ երկու֊երեք լուսարձակ, հնարավոր է, հետախույզ֊ինքնաթիռ։ Ճիշտ այդ օրերին ստիպված եղա թողնել Փարիզը։ Իմ դիմաց «Բալթիկ» շոկոլադի գործարանի բազմապատուհան շենքն է։ Երկարատև վազվզոցից հետո «Կենտրոն» խումբը կանգ առավ Վիսլայի վրա։ «Բալթիկ» ֆաբրիկան, համենայն դեպս, այլևս չէր աշխատում մանրածախ առևվտրի վրա, իսկ շոկոլադը արտադրում էր բացառապես ավիացիայի համար։ Օսկարը ևս ստիպված եղավ ընդունել այն փաստը, որ գեներալ Պետրոնի զինվորները իրենց ամերիկյան համազգեստները զբոսանքի էին հանում Էյֆելյան աշտարակի տակ։ Այս միտքը ցավ էր պատճառում ինձ, և Օսկարը վեր բարձրացրեց իր թմբուկի փայտիկը։ Որքա՜ն հանատեղ ժամեր Ռոզվիտայի հետ։ Շտյորտեբեքերը նկատեց այդ շարժումը, նրա հայացքը հետևեց փայտիկին, փայտիկի վրայից սահեց շոկոլադի ֆաբրիկայի վրա։ Այն ժամանակ, երբ Խաղաղ օվիկանոսում օրը ցերեկով ճապոնացիներից մի ամբողջ կղզի սրբեցին, այստեղ լիալուսինը միաժամանակ արտացոլվում էր բոլոր պատուհաններում։ Եվ Օսկարը բոլոր նրանց, ովքեր ուզում էին լսել իրեն, ասաց․

― Այժմ Հիսուսը ձայնով ապակի կկոտրի։

Ավելի շուտ, քան ես հաշվեհարդար տեսա առաջին երեք պատուհանների հետ, իմ լսողությունը շատ բարձր իմ գլխավերևում ճանճի տզզոց որսաց։ Երբ ևս երկու ապակիներ կորցրեցին լուսնի լույսը, ես մտածեցի․ կա֊չկա սա մահացող ճանճ է, եթե նա այդքան բարձր է տզզում։ Այնուհետև ես իմ ձայնով սև գույնով ներկեցի վերին հարկի մնացած ապակիները և համոզվեցի, որ լուսարձակների մեծ մասը տառպում է դալկախտով, նախքան լույսերի անդրադարձը դուրս հանելը, ծագումով, ամենայն հավանականությամբ, այն մարտկոցից է, որը Նարվիկյան պահեստի կողքին է, միջին և ներքևի հարկի պատուհաններից։ Սկզբում կրակում էին առափնյա մարտկոցները, հետո ես մինչև վերջ հասցրեցի միջին հարկը։ Անմիջապես դրանից հետո Հին Շոտլանդիայի, Պելոնկենի և Շելլմյուլի մարտկոցները կրակ բացելու հրաման ստացան։ Ներքևի հարկում երեք պատուհան կար, և գիշերային գրոհիչ ինքնաթիռները, օդանավակայանից թռիչք կատարելով, սրընթաց անցան ուղիղ ֆաբրիկայի տանիքի վրայով։ Ես դեռ չէի հասցրել հաշվեհարդար տեսնել ներքևի հարկի հետ, երբ զենիթային հրետանին լռեց՝ գիշերային գրոհիչ ինքնաթիռներին իրավունք տալով խփելով վայր գցելու հեռավոր գործողության քառաշարժիչ ռմբակոծիչը, որին արդեն ուղեկցում էին երեք լուսարձակներ։

Սկզբնական շրջանում Օսկարը փոքր֊ինչ զգուշանում էր, որպեսզի հանկարծ հակաօդային պաշտպանության արդյունավետ գործողությունների հետ իր համարի համընկնումն ընդհանուր ուշադրության մի մասը չշեղի և կամ այն ընդհանրապես ֆաբրիկայից գիշերային երկինք չփոխադրի։

Իմ զարմանքը առավել ուժեղ էր, երբ աշխատանքիս ավարտից հետո ավազակախումբը չլքեց առանց պատուհանների մնացած ֆաբրիկան։ Նույնիսկ, երբ մոտակայքում գտնվող Խոենֆրիդեբերգվեգից մեզ հասան, ճիշտ ինչպես թատրոնում, «բռավո» գոչումներն ու ծափահարությունները, որովհետև ռմբակոծիչը հաջողվեց խփել ու գցել, որովհետև այրվելով ու դրանով իսկ մարդկանց գրավիչ տեսարան պարգևելով, նա ավելի շուտ ընկավ, քան թե վայրէջք կատարեց Յեշկենտալյան անտառում։ Միայն ավազակախմբի փոքրաթիվ անդամները և դրանց թվում Փութեն, հեռացան ապակիներից զրկված ֆաբրիկայից։ Սակայն ո՛չ Շտյորտեբեքերը, ո՛չ Ածխագողը, իսկ ինձ հենց նրանք էին հետաքրքրում, խփված֊գցված ինքնաթիռը նույնիսկ նվազագույն ուշադրության չարժանացրին։

Այդ ամենից հետո, ինչպես և նախկինում, երկնքում մնացին միայն լիալուսինը և աստղերի մանր ոսկեսփյուռը։ Գրոհիչ ինքնաթիռները կրկին վայրէջք կատարեցին։ Հեռվից լսվում էր հրշեջ պաշտպանության ձայնը։ Եվ այդ ժամանակ Շտյորտեբեքերը շրջվեց, ցույց տվեց ինձ իր արհամարհանքով ծռած բերանը, կրկնեց այն բռնցկամարտիկի շարժումը, ինչից չափից դուրս երկար թևքի տակից երևում էր ժամացույցը, հանեց այն, մեկնեց ինձ բառեր չասելով, սակայն ծանր շնչելով, ուզում էր ասել ինչ֊որ բան, սկզբում սպասեց, մինչև որ լռեն ավարտի մասին ազդարարող ազդանշանները, և իր մարդկանց ծափահարությունների ներքո խոստովանություն արեց․

― Լա՛վ, Հիսուս։ Եթե ուզում ես, մենք քեզ կընդունենք, կարող ես մնալ մեզ հետ։ Մենք սրբողներ ենք, եթե իհարկե դու գիտես, թե դա ինչ բան է։

Օսկարը ափի մեջ ծանրութեթև արեց ժամացույցը և այդ՝ լույս տվող թվատախտակով, բավականին նրբաճաշակ իրը, որը ցույց էր տալիս զրո ժամ քսաներեք րոպե, փոխանցեց Ածխագող մականունով տղային։ Վերջինս հարցական հայացք գցեց իր շեֆի վրա։ Շտյորտեբեքերը գլխի շարժումով համաձայնություն տվեց։ Եվ այդ ժամանակ, ետադարձ ճանապարհի համար ավելի հարմար տեղավորելով իր թմբուկը, Օսկարն ասաց․

― Հիսուսը ձեզ կառաջնորդի։ Հետևեք ինձ։


Ամանորյա ներկայացում

Այն ժամանակներում շատ էին խոսում հրաշալի զենքի և վերջնական հաղթանակի մասին։ Մենք՝ սրբողներս, ոչինչ չէինք խոսում ո՛չ մեկի, ո՛չ մյուսի մասին՝ չնայած մենք ունեինք այդ հրաշալի զենքը։

Երբ Օսկարը երեսուն, քառասուն մարդուց բաղկացած ավազակախմբի ղեկավարությունը վերցրեց իր վրա, ես Շտյորտեբեքերին խնդրեցի, որպեսզի վերջինս նախ և առաջ ինձ ներկայացնի նոյֆարվասերյան խմբի պարագլխին։ Մոորկենե անունով մոտ տասնյոթ տարեկան կաղ պատանին Նյոֆարվասերի նավատարների միության խոշոր չինովնիկի տղա էր, որն իր ֆիզիկական արատի պատճառով, նրա աջ ոտքը երկու սանտիմետրով մյուսից կարճ էր, չդարձավ ո՛չ զենիթային մարտկոցի օժանդակ անձնակազմի մարտիկ, ո՛չ զինվոր։ Եվ չնայած այդ նույն Մոորկենեն գիտակցաբար ու հպարտորեն ցուցադրում էր իր կաղությունը՝ նա ամաչկոտ էր և ցածր ձայնով էր խոսում։ Մշտապես նենգորեն ժպտացող այդ երիտասարդը համարվում էր Կոնրադյան գիմնազիայի ավարտական դասարանի լավագույն աշակերտը և բոլոր հնարավորությունները ուներ, իհարկե, եթե ռուսական բանակը դեմ չլինի, հասունության վկայականի քննությունները գերազանց հանձնելու համար։ Մոորկենեն պատրաստվում էր փիլիսոփայություն ուսումնասիրել։

Որքան հարգում էր ինձ Շտյորտեբեքերը, նույնքան անառարկելիորեն կաղն իմ մեջ տեսնում էր Հիսուսին, որն իր ետևից է տանում սրբողներին։ Նախ և առաջ Օսկարը այդ երկուսին կարգադրեց իրեն ցույց տալ պահեստն ու դրամարկղը, քանի որ երկու խմբերն էլ իրենց ավազակային հարձակումների ընթացքում ձեռք բերածը պահում էին մեկ և միևնույն նկուղում։ Իսկ չոր ու լայնարձակ նկուղը տեղակայված էր Յեշկենթալերվեգ փողոցում գտնվող խաղաղ ու նրբաճաշակ, առանձնատան տակ։ Հնարավոր ամեն կարգի ծածանվող բուսականությամբ թաքցված և տան առջևի սիզամարգի թեքության շնորհիվ կարծես փողոցից պատնեշված այդ հողակտորի վրա ապրում էին Փութեի ծնողները, որոնք իրենց «ֆոն Պուտքամեր» էին անվանում։ Ավելի ստույգ ասած, պարոն Պուտքամերը գտնվում էր չքնաղ Ֆրանսիայում, այնտեղ դիվիզիայի հրամանատար էր և պոմերանյան֊լեհա֊պրուսական ծագումով ասպետական խաչի շքանշանակիր էր, իսկ ֆրաու Էլիզաբեթ ֆոն Պուտքամերը, հակառակը, հիվանդոտ էր և արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է Վերին Բավարիայում, որպեսզի այնտեղ առողջանա։

Վոլֆանգ ֆոն Պուտքամերը, որին սրբողները վերանվանել էին «Փութե», առանձնատան միանձնյա տնօրինողն էր, քանզի այն ծեր, կիսախուլ աղախնին, որը մեկ հարկ վերևում հոգ էր տանում երիտասարդ պարոնի բարօրության մասին, մենք ոչ մի անգամ չէինք տեսնում, քանի որ լվացքատան միջով էինք ներթափանցում նկուղ։

Պահեստում իրար վրա պահածոների տուփերի, սիգարետների, թոփով պարաշյուտի մետաքսի սարեր էին շարված։ Դարակից կախվել էին շուրջ երկու դյուժին սպայական ժամացույցները, իսկ Փութեն Շտյորտեբեքերի հրամանով պարտավոր էր դրանք ճշտապահորեն լարել և հետևել, որպեսզի ճիշտ ընթանան։ Դրանից բացի նա պարտավոր էր սիստեմատիկորեն սրբել երկու գնդացիրները, ինքնաձիգերն ու ատրճանակները։ Ինձ ցուցադրեցին ֆաուստփամփուշտը, գնդացիրների համար զինամթերքն ու քսանհինգ նռնակները։

Այդ ամենը գումարած բենզինով լի կանիստրների պատկառելի շարքը, նախատեսված էր տնտեսական վարչությունը գրոհելու համար։ Եվ այդ իսկ պատճառով Օսկարի առաջին հրամանը, որը ես արտասանեցի արդեն Հիսուսի իրավունքներով, ազդարարում էր․ « Զենքը և բենզինը թաղել այգում, զարկանները հանձնել Օսկարին։ Մեր զենքը այլ կարգի է»։

Երբ տղաները քարշ տալով ինձ բերեցին սիգարների մի արկղ, որը լցված էր գողացված շքանշաններով և այլ պատվանշաններով, ես ժպտալով թույլ տվեցի, որ նրանք այդ խաղալիքները պահեն իրենց։ Իսկ ահա պարաշյուտային դանակները ես իզուր նրանցից չխլեցի։ Հետագայում տղաները օգտագործում էին այդ լեզվակները, որովհետև դրանք շատ հարմար պահվում էի ձեռքի մեջ և ուղղակի խնդրում էին, որպեսզի իրենց գործի դնեն։

Հետո ինձ բերեցին դրամարկղը։ Օսկարը կարգադրեց հաշվել, ստուգեց ու գրավոր արձանագրեց երկու հազար չորս հարյուր քսան ռայսխմարկ կանխիկ գումարի առկայությունը։ Իսկ երբ քառասունչորս թվի հունվարի կեսին Կոնևն ու Ժուկովը Վիսլայի վրա ճեղքում իրականացրին, մենք ստիպված էինք այդ ողջ կանխիկ գումարը հանձնել։ Փութեն ինքնակամ խոստովանեց, և Գերագույն դատարանի սեղանի վրա կապուկներով ու կույտերով երեսունվեց հազար ռայխսմարկ դրվեց։

Իր բնավորությանը համապատասխան՝ Օսկարը այդ բոլոր գործողությունների ժամանակ մնում էր ետին պլանում։ Ցերեկները ես մեծ մասամբ միայնակ էի, իսկ եթե ոչ միայնակ, ապա միայն Շտյորտեբեքերի ընկերակցությամբ գիշերային արարումների համար արժանի նպատակակետ էի ընտրում, այնուհետև գործի կազմակերպչական կողմը վերավստահում էի Շտյորտեբեքերին ու Մոորկենին։ Դրանից հետո, Տրուչինսկի մայրիկի բնակարնը չլքելով, ուշ ժամին ննջասենյակի պատուհանից, ավելի հեռու տարածությունից, քան երբևիցե նախորդ ժամանակներում, իմ ձայնով կտրում էի, ահա և ես տվեցի մեր հրաշալի զենքի անունը, ներքևի հարկի պատուհանները, որոնցում տեղավորվել էին կուսակցությունների բազմաթիվ բաժանմունքները, տպարանի՝ բակ դուրս եկող պատուհանը, որտեղ պարենային քարտեր էին տպվում, իսկ մի անգամ մեծ տհաճությամբ, խնդրանքներին ընդառաջ գնալով, ոմն ուսմասվարի խոհանոցի ապակիները, ումից տղաները ուզում էին վրեժ լուծել։

Դեպքը տեղի էր ունենում արդեն նոյեմբերին։ Մեր վրեժխնդրության v1 ու v2 զենքը արդեն Անգլիայի ճանապարհին էր, իսկ ես իմ ձայնը ուղարկեցի ողջ Լանգֆուրի վրայով, Հինդենբուրգալեի երկայնքով, կայարանի միջով, դեպի Հին քաղաք և Աջ քաղաք, Ֆլյայլշերգասեի վրա այնտեղ փնտրեցի գտա թանգարանը, տղաներին կարգադրեցի մտնել այնտեղ ու գտնել գալիոնյան փայտե ֆիգուրին՝ Նիոբեային։

Միայն թե նրանք այն չգտան։ Իսկ իմ կողքին բազկաթոռի վրա կիպ նստած էր Տրուչինսկի մայրիկը, նրա գլուխը ցնցվում էր, և, այնուամենայնիվ, ըստ էության, մենք նրա հետ զբաղված էինք միևնույն գործով, քանզի Օսկարը տարածության վրա ուղարկում էր իր ձայնը, նա տարածության վրա ուղարկում էր իր մտքերը՝ երկնքում փնտրելով իր Հերբերթ որդուն, Կենտրոն խմբի հատվածում՝ իր ֆրից որդուն։ Ինչպես նաև իր ավագ աղջիկ Հուստային, որը քառասունչորսի սկզբներին ամուսնացավ Ռեյնլանդում, նրան ևս պետք էր փնտրել տարածության վրա՝ Դյուսելդորֆում, որովհետև հենց այնտեղ էր բնակվում ավագ մատուցող Քյոստերը, չնայած ներկա ժամանակում նա գտնվում էր Կուրլյանդիայում, այնպես որ Հուստան կարող էր նրան պահել իր մոտ և տալ ընդամենը երկու շաբաթ արձակուրդ։

Մեր երեկոները շատ խաղաղ էին անցնում։ Օսկարը, Տրուչինսկի մայրիկի ոտքերի մոտ նստած, մի քիչ հանպատրաստից ստեղծագործում էր իր թմբուկի վրա, հախճասալիկե վառարանի ջեռոցի միջից հանում էր խնձորը, ճռճռոտված պտուղի հետ, որը նախատեսված էր ծերերի ու երեխաների համար, անհետանում էր մութ ննջասենյակում, բարձրացնում էր մթնեցնող թուղթը, մի փոքր բացում էր պատուհանը, ներս էր թողնում գիշերվա ու ցրտի մի փոքրիկ մասը։ Ինչից հետո նպատակասլաց ուղարկում էր հեռավոր ներգործության իր ձայնը և ուղարկում էր ոչ թե դեպի դողացող աստղը, Ծիր Կաթինը ևս նրան ամենևին չէր գրավում, այլ Վինթերֆելդպլացի վրա, ոչ դեպի ռադիոկայան, այդ ճանապարհից այն կողմ՝ դեպի այն արկղը, որտեղ մեկը մյուսի ետևից համատարած զանգվածով ձգվում էին վարչության աշխատասենյակները։

Պարզ եղանակի ժամանակ իմ աշխատանքի համար մեկ րոպե էլ չէր պահանջվում։ Այդ ընթացքում խնձորը հասցնում էր պատուհանագոգին մի փոքր սառչել։ Ես ծամելով վերադառնում էի Տրուչինսկի մայրիկի ու իմ թմբուկի մոտ, իսկ քիչ անց պառկում էի քնելու և չէի կասկածում, որ սրբողները Քրիստոսի անունից թալանում են կուսակցությունների չհրկիզվող պահարանները, գողանում են տպված մթերային քարտերը և, ինչն առավել կարևոր է, ծառայողական կնիքները, լրացված ծառայացուցակները կամ հիտլերյուգենդի պարեկների անվանացանկերը։ Ես շրջահայացորեն Մոորկենեին և Շտյորտեբեքերին հնարավորություն էի տալիս փաստաթղթերի հետ անել այն ամենը, ինչ֊որ ցանկանան։ Ավազակախմբի համար թիվ մեկ թշնամին պարեկն էր։ Դե, ուրեմն, թող նրանք իրենց թշնամիներին բռնեն որքան կուզեն, թող նրանց սրբեն փոշուց, թող, ինչպես վարվում և արտահայտվում էր Ածխագողը, փայլեցնեն նրանց ձվերը։

Նման միջոցառումներից, որոնք ոչ ավելին էին, քան նախերգանքներ և չէին մատնում իմ իրական ծրագրերը, ես մնում էի մի կողմ քաշված և այդ իսկ պատճառով չեմ կարող պնդել, սրբողներ էին նրանք, արդյոք, թե ոչ, ովքեր քառասունչորսի սեպտեմբերին բռնեցին պարեկների երկու բարձր աստիճանավորների, այդ թվում սարսափ ներշնչող Հելմուտ Նոյթբերգին, կապեցին նրանց ու խեղդեցին Կովի կամրջից դեպի վեր Մոթլաուում։

Իսկ այն, որ սրբողների և Հռենոսի Քյոլնից «Էդելվեյս» ծովահենական խմբի միջև գոյություն ունեն սերտ կապեր, և որ մեր գործողությունների վրա ազդում էին և ոչ միայն ազդում, այլև նույնիսկ ուղղորդում էին մեր գործողությունները Տուխոլյան անմշակ հողատարածություններից լեհ պարտիզանները, ես՝ որպես ավազակախումբը երկու դեմքով՝ որպես Օսկար և որպես Հիսուս գլխավորող, կտրականապես ժխտում եմ և դա պետք է դասեմ ավանդազրույցների շարքը։

Գործընթացի ժամանակ մեզ մեղադրում էին նաև հունիսի քսանի դավադիրների հետ կապ ունենալու մեջ՝ միայն այն պատճառով, որ Փութեի հայրը՝ Ավգուստ ֆոն Պուտքամերը, շատ մոտ է եղել ֆելդմարշալ Ռոմմեի հետ և կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ։

Փութեն, որը ողջ պատերազմի ընթացքում իր հորը չորս֊հինգ անգամ է տեսել, թռուցիկ և ամեն անգամ նոր տարբերանշաններով, մեզ համար, ըստ էության, արժեք չունեցող այս սպայական պատմության փաստի մասին իմացավ միայն դատավարության ժամանակ և այնքան խղճալի ու անվայելուչ ձևով լաց եղավ, որ Ածխագողը, որը նստած էր նրա կողքին, ստիպված եղավ բոլորի աչքի առաջ նրան լավ սրբել։

Մեր գործունեության ողջ ընթացքում մեծահասակները միայն մեկ անգամ փորձեցին մեզ հետ կապ հաստատել։ Նավաշինարանի բանվորները՝ կոմունիստները, ինչպես ես անմիջապես կասկածեցի, մտադրվել էին Շիխաունյան նավաշինարանում իրենց ազդեցությունը ամրապնդել մեր աշակերտների միջոցով և մեզ վերածել կարմիր ընդհատակայինների շարժման։ ԸՆդ որում՝ աշակերտները առանձնապես դեմ էլ չէին, սակայն գիմնազիստները ամենավճռական ձևով հրաժարվեցին ցանկացած քաղաքական երանգավորումից։ Պարոնը՝ նույն ինքը զենիթային մարտկոցի օժանդակ անձնակազմի մարտիկը, սրբողների ցինիկն ու տեսաբանը, իր հայացքները ավազակախմբի ժողովներից մեկի ժամանակ ձևակերպեց այսպես․

― Մենք ընդհանրապես ոչ մի կուսակցության հետ կապ չունենք, մենք պայքարում ենք ընդդեմ մեր ծնողների ու այլ մեծահասակների՝ անկախ նրանից, թե ում կողմից են այդ մեծահասակները կամ՝ ում դեմ։

Եվ, եթե նույնիսկ Պարոնը շատ էր չափազանցում, գիմնազիստները նրան միահամուռ պաշտպանեցին, ինչից հետո ավազակախմբում տեղի ունեցավ պառակտում։ Շիխաունյան նավաշինարանի աշակերտները և ես դրա համար շատ էի ափսոսում, որովհետև բանիմաց տղաներ էին, սեփական միությունը հիմնեցին, սակայն չնայած Շտյորտեբեքերի ու Մոորկենի կողմից դժգոհություններին, շարունակեցին իրենց ավազակախումբ անվանել։ Դատաքննության ընթացքում, որովհետև նրանք բռնվել էին մեզ հետ, նրանց մեղադրեցին նավաշինարանի տարածքում սուզանավերի հենակետային նավը հրդեհելու մեջ։ Այդ ժամանակ անձնակազմից և ծովային ծառայության ֆենրիխներից, որոնք վերապատրաստման դասընթացներ էին անցնում, ավելի քան հարյուր մարդ կրակի մեջ զոհվեցին սարսափելի մահով։ Հրդեհը բռնկվեց տախտակամածի վրա և փակեց տախտակամածի տակ քնած նավի անձնակազմի ճանապարհը, իսկ երբ հազիվ տասնութ տարեկանը լրացածները փորձեցին իլյումինատորի միջով դուրս թռչել նավահանգստի փրկարար ջրերի մեջ, նրանք բոլորը մեկի պես կոնքերի մասում վառվեցին։ Մոլեգնող կրակը նրանց պատեց ետևից, և ստիպված եղան նրանց սպանել շարժիչային շոգեմակույկների վրայից կրակելով, որովհետև չափից դուրս հուսահատ էին հնչում նրանց անդադար ճիչերը։

Հրդեհը, սակայն, մենք չէինք կազմակերպել, հնարավոր է, որ դա Շիխաունյան նավաշինարանի աշակերտներն էին, իսկ գուցե մարդիկ՝ «Վեսթերլանդ» միավորումից։ Սրբողները հրձիգներ չէին, չնայած ես՝ նրանց հոգևոր խրատատուն, իմ Կոլյայչեկ պապիկից լիովին կարող էի ժառանգած լինել հրձիգության հանդեպ կիրքը։

Ես լավ հիշում եմ այն մոնտաժողին, որին Կիլեի գերմանական նավաշինարանից տեղափոխեցին մեզ մոտ՝ Շիխաունյանի վրա։ Ավազակախմբի պառակտումից քիչ ժամանակ առաջ նա եղավ մեզ մոտ։ Դոկերներից մեկի որդիները՝ Էրիխ ու Հորսթ Պինցգերները, նրան բերեցին մեզ մոտ պուտքամերյան առանձնատան մեր նկուղը։ Նա ուշադիր ուսումնասիրեց մեր զինանոցը, դժգոհեց պիտանի զենքի բացակայությունից, ոչ անմիջապես, սակայն այնուամենայնիվ, քաջալերանքի խոսք ասաց։ Հետո հարցրեց, թե ով է գլխավորում ավազակախումբը, և, երբ Շտյորտեբեքերը առանց մտածելու, իսկ Մոորկենեն անվստահորեն ցույց տվեցին ինձ, այնպիսի երկարատև և անպիսի մեծամիտ ծիծաղով բռնկվեց, որ մի փոքր էլ՝ և Օսկարի հրամանով նրան կփոխանցեին սրբողների ձեռքը։

― Սա ի՞նչ թզուկ է, ― հարցրեց նա Մոորկենին՝ ուսի վրայից մատով ինձ ցույց տալով։ Սակայն ավելի վաղ, քան շփոթված Մոորկենեն կպատասխաներ, հնչեց Շտյորտեբեքերի՝ վախենալու աստիճան հստակ պատասխանը․

― Սա մեր Հիսուսն է։

Վալտեր անունով մոնտաժողը չէր կարող դա հանգիստ լսել, նա նույնիսկ իրեն իրավունք վերապահեց զայրանալ և դա՝ հենց մեր նկուղում։

― Դուք գոնե մի քիչ գաղափար ունե՞ք քաղաքականությունից, թե՞ դուք բոլորդ մեկ մարդու պես եկեղեցական ծառաներ եք ու եկեղեցական ներկայացման եք նախապատրաստվում։

Շտյորտեբեքերը լայն բացեց նկուղի դուռը, ազդանշան տվեց Ածխագողին, վերջինս թևքի միջից դուրս թողեց պարաշյուտային դանակի լեզվակը և ասաց՝ խոսքը ավելի շուտ ուղղելով ավազակախմբին, քան մոնտաժողին։

― Մենք ծառաներ ենք և մենք պատրաստվում ենք ամանորյա ներկայացմանը։

Սակայն ոչ մեկը պարոն մոնտաժորին ցավ չպատճառեց։ Նրա աչքերը կապեցին և դուրս տարան նկուղից։ Իսկ քիչ անց մենք մնացինք մենակ, որովհետև Շիխաունյան նավաշինարանի աշակերտները անջատվեցին մեզանից, մոնտաժորի գլխավորությամբ հիմնեցին իրենց սեփական ավազակախումբը, և ես հաստատ համոզված եմ, որ հենց նրանք հրդեհեցին ստորջրյա նավատորմի հենակետային նավը։

Այնպես որմ իմ կարծիքով Շտյորտեբեքերը, ճիշտ պատասխան տվեց։ Մենք քաղաքականությամբ չէինք զբաղվում և այն բանից հետո, երբ մեր օգնությամբ խճճված հիտլերյուգենդի պարեկները գրեթե չէին համարձակվում լքել ծառայողական սենյակները։ Թերևս միայն Գլխաերկաթուղային կայարանում ստուգում էին դրոշմ կրող թեթև վարքի կանանց, մենք որոշեցինք մեր գործունեության դաշտը տեղափոխել եկեղեցի, որպեսզի, օգտվելով ձախ ծայրահեղական մոնտաժողի արտահայտությունից, նախապատրաստվենք ամանորյա տոներին։

Սկզբնական շրջանում պետք էր նավաշինարանի բավականին ակտիվ աշակերտներին, որոնց մեզ մոտից գայթակղելով տարան, փոխարինողներ գտնել։ Հոկտեմբերի վերջին Շտյորտեբեքերը երդման բերեց Քրիստոսի սիրտը եկեղեցու երկու ծառաների՝ Ֆելիքս և Պաուլ Ռենվանդ եղբայրներին։ Շտյորտեբեքերը եղբայրների վրա դուրս եկավ նրանց քրոջ՝ Լյուցիայի միջոցով։ Չնայած իմ առարկություններին, այդ դեռ տասնյոթ տարեկանը չլրացած աղջնակը ներկա էր երդման արարողությանը։ Եղբայրներին կարգադրեցին ձախ ձեռքերը դնել թմբուկի վրա, որի մեջ երկուսն էլ փոքրիկ տղաներին բնորոշ երևակայության խաղով ինչ֊որ խորհրդանիշ էին տեսնում, և արտասանել սրբողների բանաձևը․ այն աստիճան անհեթեթ և ամեն կարգի օտարոտի բառերով լի մի տեքստ, որը ես նույնիսկ մեծ ցանկության դեպքում այժմ չեմ կարող վերականգնել։

Երդման ժամանակ Օսկարը կարող էր հետևել Լյուցիային։ Նա բարձր վեր էր հանել ուսերը, ձախ ձեռքի մեջ բռնել էր դողդողացող երշիկով բուտերբրոդը, կծոտում էր ներքևի շուրթը, առաջ էր ցցել իր եռանկյունի ու անշարժ աղվեսի մռութը, այրող հայացքով խոցում էր Շտյորտեբեքերի թիկունքը, և ես լրջորեն սկսեցի անհանգստանալ սրբողների ճակատագրի համար։

Մենք սկսեցինք մեր նկուղի վերասարքավորումից։ Աշխատելով ծառաների հետ՝ ես Տրուչինսկի մայրիկի բնակարանից գլխավորում էի պահուստների լրացումը։ Սբ․ Կատերինայի եկեղեցուց մենք հայթայթեցինք մարդու հասակի կեսի բարձրությամբ և, ինչպես պարզվեց հետագայում, տասնվեցերորդ դարում իսկական Հովսեփի ստեղծած մի քանի մոմակալներ, ինչ֊ինչ եկեղեցական կահ֊կարասի, և Քրիստոսի մարմնի տոնի կապակցությամբ պատրաստված դրոշ։ Երրորդության եկեղեցի կատարած գիշերային այցը մեզ բերեց փայտե հրեշտակ, որը, սակայն զուրկ էր գեղարվեստական արժեքից և խայտաբղետ գոբելեն՝ պատի վրա։ Կրկնօրինակը, որն արված էր հին նմուշից, պատկերում էր հավատարիմ հեքիաթային կենդանու հետ մի ինչ֊որ կոտրատվող կնոջ։ Եվ չնայած Շտյորտեբեքերը ոչ առանց հիմքի նկատեց, որ գորգի վրա գործված կնոջ ժպիտը իր խորը անմտությամբ Լյուցիայի եռանկյունի աղվեսի մռութի մասին է հիշեցնում, ես դեռ հույսս չէի կտրել, որ իմ անմիջական տեղակալը ունակ չի լինի այնպիսի հավատարմության, ինչպես հիքիաթային միաեղջույրը։ Երբ գորգը իր տեղը զբաղեցրեց նկուղի դիմացի պատի վրա, որտեղ նախկինում ամեն տեսակի հիմարություն էր պատկերված, օրինակ, «Սև ձեռքը» կամ «Մեռած գլյուխը», երբ մեր բոլոր խորհրդակցությունների ժամանակ որոշակիություն մտցնողը դարձավ միաեղջույրի թեման, ես ինքս ինձ հարցրեցի․ «Ասա՛ ինձ, խնդրեմ, Օսկա՛ր, ինչու դու, եթե արդեն կենդանի Լյուսին է գալիս ու գնում, երբ խելքին փչի և, բացի դա, հռհռում է քո թիկունքում, ինչու ես դու պահպանում երկրոդը, գործվածը, որը քո օգնականներին վեր է ածում միաեղջյուրիների, որը, միևնույն է, ողջ, թե գործված, ճիշտն ասած, աչքը տնկել է միայն քո վրա, քանզի միայն դու՝ Օսկարդ ես հիրավի հեքիաթային էակ, իր տեսակի մեջ միակ, չափից դուրս զարմանահրաշ պոչով գազանը»։ Դեռ լավ է, որ մոտեցավ նախաամանորյա ժամանակը, և ես, մարդաբոյ, Ամանորյա ծիսակատարության գործողության ֆիգուրների օգնությամբ, որոնք մենք էվակուացրել էինք մոտակա եկեղեցիներից, կարողացա այնքան խիտ պատնեշել հիքիաթային ֆիգուրները, որ նրանք այլևս դուրս չէին գալիս առաջին պլան։ Դեկտեմբերի կեսերին Ռունշտեդը սկսեց Արդեններում իր հարձակումը, մենք էլ էինք ավարտել վիթխարի ճեղքմանը նախապատրաստվելը։

Այն բանից հետո, երբ Մարիայի ձեռքը բռնած, որը, ի մեծ տխրություն Մացերատի, գլխովին խորացել էր կաթոլիցիզմի մեջ, ես մի քանի կիրակի օրեր իրար ետևից գնում էի ժամը տասի պատարագին, ինչպես և ողջ ավազակախմբին էի խորհուրդ տվել կանոնավոր եկեղեցի այցելել, մենք բավականին լավ ուսումնասիրեցինք տեղանքը։ Եվ եկեղեցու սպասավորներ Պաուլ և Ֆելիքս Ռենվանդների օգնությամբ (այնպես որ Օսկարը նույնիսկ հարկադրված չեղավ ձայնով ապակի կտրել) դեկտեմբերի տասնութի գիշերը ներխուժեցինք Քրիստոսի սիրտը եկեղեցի։

Ձյուն էր տեղում և անմիջապես էլ հալվում։ Երեք ձեռնասայլակները մենք թողեցինք խորանի ետևում։ Ռենվանդներից կրտսերի մոտ կային գլխավոր մուտքի բանալիները։ Օսկարը գնում էր առջևից, հերթով տղաներին մոտեցնում էր ցողամանին, միջին նավում նրանց հրամայեց դեմքով դեպի գլխավոր զոհասեղանը ծնկի իջնել, իսկ հետո անմիջապես կարգադրեց արձանը առագաստով վարագուրել, որպեսզի երկնագույն հայացքը մեզ չափից դուրս շատ չշեղի աշխատանքից։ Դմբուզն ու Պարոնը ձախ կցաշինություն հասցրին անհրաժեշտ բոլոր գործիքները։ Սկզբում պետք էր միջնամաս տեղափոխել գումն ու մսուրքը՝ ամանորյա ֆիգուրների հետ, ինչպես նաև եղևնու ճյուղը։ Հովիվներ, հրեշտակներ, ոչխարներ, ավանակներ ու կովեր մենք առանց այն էլ ավելին ունեինք, քան պետք էր։ Ողջ նկուղը լի էր անխոս դերակատարներով, իսկ ահա գլխավոր դերերի համար դերակատարներ դեռ չկային։ Վելիզարիոսը զոհասեղանի վրայից մի կողմ տարավ ծաղիկները։ Տոտիլան ու Տեյան փաթաթում էին գորգը։ Ածխագողը դուրս հանեց գործիքը։ Իսկ Օսկարը շարունակում էր ծնկի իջաց մնալ աղոթքի նստարանի ետևում ու հետևել սարքահանման գործընթացին։

Սկզբում մենք սղոցեցինք ուսերի վրա շոկոլադի գույնի բրդոտ մորթի գցած Հովհաննես Մկրտչին։ Որքան լավ է, որ մեզ մոտ մետաղ կտրող սղոց գտնվեց։ Գիպսե արձանի միջի մեկ մատ հաստաության մետաղյա ձողերը Մրկտչին միացրել էին ամպի հետ։ Ածխագողը սղոցում էր, ինչպես կարող էր սղոցել միայն գիմնազիստը, այսինքն՝ վատ։ Եվ ես կրկին ափսոսացի, որ Շիխաունյան նավաշինարանի աշակերտները այստեղ չեն։ Շտյորտեբեքերը փոխարինեց ածխագործին։ Նրա մոտ գործը մի փոքր ավելի լավ գնաց, և սարսափելի աղմուկի կես ժամից հետո մենք կարողացանք ցած գցել Մկրտչին, նրան փաթաթել բրդյա վերմակի մեջ ու տրվել կեսգիշերային եկեղեցու մեջ տիրող լռության կամքին։

Սակայն իր տուտուզով Կույսի ազդրերին կպած մանուկ Հիսուսի սղոցման վրա ավելի շատ ժամանակ պահանջվեց։ Դմբուզը, Ռենվանդ֊ավագն ու Առյուծասիրտը դրա վրա ավելի քան քառասուն րոպե ժամանակ կորցրեցին։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ դեռ չի եկել Մոորկենեն։ Չէ՞ որ նա իր տղաների հետ պատրաստվում էր տեղ հասնել ուղիղ Նոյֆարվասերից և մեզ հետ հանդիպել արդեն եկեղեցում, որպեսզի մեր տեղաշարժը քաղաքի մեջ այնքան էլ աչքի չզարներ։ Շտյոտեբեքերի տրամադրությունը ակնհայտորեն ընկած էր, իմ կարծիքով նա նյարդայնանում էր։ Նա մի քանի անգամ Ռենվանդ եղբայրներին հարցրեց, թե ուր է կորել Մոորկենեն։ Սակայն, երբ վերջիվերջո, ինչպես մենք բոլորս, ճիշտն ասած, հենց ենթադրում էինք, հնչեց «Լույսի» բառը, Շտյորտեբեքերը դադարեց հարցեր տալ, սղոցը Առյուծասրտի անփորձ ձեռքերից խլեց, և կլանված աշխատելով, ի վերջո հաղթահարեց մանուկ Հիսուսին։

Երբ մանուկին տեղավորում էինք, նրա լուսպսակը կոտրվեց։ Շտյորտեբեքերը ինձանից ներողություն խնդրեց։ Միայն ջանքերի գնով հաջողվեց նաև ինձ տիրած նյարդայնությունը զսպել, իսկ լուսապսակի բեկորները ես կարգադրեցի հավաքել երկու գլխարկների մեջ։ Ածխագողը կարծում էր, թե բեկորները կարելի կլինի հեշտությամբ սոսնձել։ Մանուկ Հիսուսին պառկեցրին բարձերի վրա ու փաթաթեցին երկու բրդյա վերմակների մեջ։

Մենք նախատեսում էինք Կույսին կտրել կոնքերից վերև, երկրորդ կտրվածքը անել կրունկների ու ամպի միջև։ Որոշեցինք ամպը թողնել տեղում, միայն Կույսի երկու կեսերը, ինքնըստինքյան՝ Հիսուսին, իսկ եթե հաջողվի, ապա նաև Մկրտչին տեղափոխել Փութքամերների նկուղներ։ Սպասումներին հակառակ՝ մենք գերագնահատել էինք գիպսե ֆիգուրների քաշը։ Պարզվեց, որ ողջ խումբը ներսից դատարկ էր, իսկ վերին շերտը ընդամենը երկու մատ հաստություն ուներ և միայն մետաղյա հիմնակմախքի վրա ստիպված եղանք ժամանակ կորցնել։

Տղաները, հատկապես Ածխագործն ու Առյուծասիրտը, լրիվ հալից ընկան, պետք էր թույլ տալ, որ շունչ քաշեն, քանի որ մյուսները, Ռենվանդ եղբայրները ներառյալ, ընդհանրապես սղոցել չգիտեին։ Ավազակախումբը ցիրուցան էր եղել եկեղեցու նստարաններով մեկ, այնտեղ նստել ու սառչում էր։ Շտյորտեբեքերը կանգնել էր և ավելի ու ավելի եռանդուն էր ճմլում իր թավշամահուդե գլխարկը, որը եկեղեցի մտնելուց հանել էր։ Ինձ դուր չեկավ ընդհանուր տրամադրությունը։ Պետք է ինչ֊որ բան տեղի ունենար։ Աստծո տունը իր գիշերվա դատարկությամբ տանջում էր տղաներին։ Դրանից բացի, տրամադրությունը չէր բարձրացնում նաև Մոորկենեի բացակայությունը։

Ռենվանդները ակնհայտորեն վախենում էին Շտյորտեբեքերից, նրանք մի կողմ կանգնել ու փսփսում էին, մինչև որ Շտյորտեբեքերը նրանց հրամայեց լռել։

Ես դանդաղ, ինչպես ինձ է թվում, հոգոց հանելով, բարձրացա աղոթքի բարձի վրայից և շարժվեցի ուղիղ Կույսի մնացորդի կողմը։ Նրա հայացքը, որն, ըստ նախասկզբնական մտահղացման, ուղղված էր Հովհաննես Մկրտչին, այժմ ընկնում էր գիպսի փշրանքներով ծածկված զոհասեղանի աստիճանների վրա։ Նրա աջ ցուցամատը, որը նախկինում ուղղված էր դեպի Հիսուսը, այժմ ուղղված էր դեպի դատարկությունը, դեպի ձախ կողմի մութ կցակառույցը։ Ես, շուրջս նայելով, բարձրանում էի աստիճանից աստիճան՝ փնտրելով Շտյորտեբեքերի խոր տեղավորված աչքերը, չէի գտնում, մինչև որ Ածխագողը նրան հրեց և ստիպեց արձագանքել իմ կանչին։ Շտյորտեբեքերը անվստահ նայեց ինձ, ես նրան այդպիսին դեռ ոչ մի անգամ չէի տեսել, սկզբում չհասկացավ, հետո, միգուցե, ի վերջո հասկացավ, սակայն ոչ մինչև վերջ, դանդաղ մոտեցավ, չափից դուրս դանդաղ, հետո միանգամից թռավ֊անցավ բոլոր աստիճանների վրայով և ինձ նստեցրեց սպիտակ, սղոցի անվարժ շարժումներից մի փոքր խորդուբորդ դարձած Կույսի ձախ ծնկի կտրվածքի վրա։

Շտյորտեբեքերը անմիջապես շրջվեց, մի քայլով հայտնվեց քարե սալիկների վրա, ցանկացավ կրկին մտորումների մեջ խորասուզվել, միմյանց մոտիկ տեղադրված իր աչքերը կկոցեց լամպերի լույսից։ Ավազակախմբի մյուս ամդամների պես, որոնք նստած էին նստարաններին, նա ցնցված էր այն բանից, թե որքան բնական և ծունկ իջնելու աստիճան արժանապատվորեն եմ ես նստել Հիսուսի տեղը։ Հենց նրան էլ շատ ժամանակ հարկավոր չեղավ, նա արագ հասկացավ իմ ծրագիրը և կարողացավ նույնիսկ կատարելագործել այն։ Նա երկու գրպանի լապտերները, որոնցից անջատելու ժամանակ օգտվում էին Նարսեսն ու Մորուքը, անմիջապես ուղղեց իմ ու Կույսի վրա, հետո, քանի որ լապտերը կուրացնում էին ինձ, հրամայեց դրանք փոխարինել կարմիր լույսով, ձեռքի շարժումով մոտ կանչեց Ռենվանդներին, նրանց հետ փսփսաց․ նրանք չէին ցանկանում այն, ինչ ինքն էր ցանկանում։ Մոտեցավ Ածխագողը, չնայած որ Շտյոտեբեքերը ամենևին նրան չէր կանչել, փոքրիկ խնբին ցույց տվեց իր՝ սրբելուն արդեն պատրաստ մատների ոսկորները․ այդ ժամանակ եղբայրները դադարեցին դիմադրել և Ածխագողի ու Պարոնի հսկողության ներքո անհետացան խորանում։ Օսկարը հանգիստ սպասում էր, ինչպես հարկն է հարմարեցրեց իր թմբուկը և ամենևին չզարմացավ, երբ լողլող Պարոնը վերադարձավ քահանայի պես զգեստավորված, իսկ երկու եղբայրները հագել էին եկեղեցու փոքրավորների սպիտակակարմիր զգեստներ։ Ածխագողը, որը կիսով չափ փոխերեցի հագուստով էր, իր հետ բերեց այն ամենը, ինչը անհրաժեշտ էր պատարագի համար, այդ ողջ բարիքը դրեց ամպի վրա և հեռացավ։ Ավագ Ռենվանդը բռնել էր խնկամանը, կրտսեը՝ զանգակը։ Չնայած Պարոնը շատ լայն հագուստով էր, Նորին բարեկրոնություն Վինկեին վատ չպատկերեց․ սկզբում՝ առաջին դասարանցու ցինիզմով, սակայն հետո տեքստն ու եկեղեցական ծիսակատարությունը նրան կլանեցին և նա բոլորին (սակայն գլխավորապես ինձ) ներկայացրեց ոչ թե ինչ֊որ խղճուկ նմանակում, այլ իսկական պատարագ, որն ավելի ուշ արդեն դատարանում յուրաքանչյուր անգամ, չնայած սև, սակայն պատարագ էին անվանում։

Բոլոր երեքը սկսեցին ներածական աղոթքով։ Ավազակախումբը նստարանների ու սալաքարերի վրա ծնկի իջավ, իր վրա խաչ իջեցրեց ու եկեղեցու փոքրավորների մասնագիտական աջակցությամբ աղոթք երգեց։ Արդեն ներածության ժամանակ փայտիկները նկատելիորեն շարժվեցին։ Ես ձայնակցեցի առավել ակտիվ։ Փառքի գովք Աստծուն։ Ես իմ թմբուկի վրա պատշաճ գովքս մատուցեցի Աստծուն։ Ես աղոթքով դիմեցի, սակայն ցերեկային պատարագի երգասացության նամականիներից մի փոքր նախերգանք ստեղծեցի, ինձ հատկապես հաջողվեց ալելուիան։ Ես, նկատելով, թե որքան են ինձ հավատում տղաները, Հավատամքի կատարման ժամանակ մի փոքր խլացրեցի թիթեղիս ձայնը՝ Պարոնին հնարավորություն տալով մատուցել հացը, գինին խառնել ջրի հետ։ Թույլ տվեցի խունկ ծխել իմ ու թասի վրա, հետևեցի, թե ինչպես է դրսևորում իրեն Պարոնը ձեռքերը լվանալիս։ Աղոթե՛ք, եղբայրներ, թմբկահարում էի ես կարմիր լապտերների լույսի ներքո՝ մոտեցնելով վերակերպարավորմանը։ Դա մարմինն է իմ։ «Աղոթենք, երգում էր Պարոնը, որին այդ անելուն դրդում էր պատարագի մատուցման սուրբ կանոնակարգը, նստարանների վրա նստած տղաները ինձ ներկայացրեցին «Հայր մեր»֊ի երկու տարբերակներ, սակայն Պարոնը կարողացավ կաթոլիկական ու բողոքական հաղորդության ժամանակ միավորել, իսկ քանի դեռ նրանք հաղորդվում էին, ես նրանց համար «Մեղանչում եմ» էի թմբկահարում։ Կույսը մատնացույց էր անում Օսկարի թմբկահարությունները։ Ես դարձա Քրիստոսի ժառանգորդը։ Պատարագը ընթանում էր հալած յուղի պես։ Պատարագի ձայնը բարձրանում էր ու իջնում, իսկ որքան գեղեցիկ էր նա փոխանցում բարեմաղթանքը, ներման շնորհումը, ներողամիտ լինելն ու մեղքերի թողությունը, իսկ երբ նա մեր կողմն ուղղեց «պատարագն ավարտված է» բառերը (գնացեք, ուրեմն, թողություն եմ տալիս ձեզ), իրականացավ հիրավի հոգևոր թողությունը, ինչից հետո զուտ աշխարհիկ կալանավորումը այժմ կարող էր իրականացվել միմիայն հավատքի մեջ ամրապնդված, հանուն Օսկարի ու Հիսուսի ուժեղացած ավազակախմբի հանդեպ։

Ես դեռ աղոթքի ժամանակ մեքենայի աղմուկ լսեցի, և Շտյորտեբեքերը ևս գլուխը շրջեց այնպես, որ միայն մենք երկուսս չզարմացանք, երբ գլխավոր շքամուտքի, խորանի և միաժամանակ աջ կցաշինության կողմից լսվեցին ձայներ, իսկ եկեղեցու սալաքարերի վրայով դոփեցին ճտքակոշիկները։

Շտոյտեբեքերը ցանկացավ ինձ իջեցնել Կույսի ծնկներից։ Ես հրաժարվեցի։ Նա հասկացավ Օսկարին, նա գլխով արեց, նա ավազակախմբին ստիպեց ոտքի չկանգնել ու քրեական ոստիկանությանը դիմավորել ծնկաչոք։ Բոլորը մնացին ներքևում՝ չնայած դողում էին, չնայած ինչ֊որ մեկը զույգ ծնկների վրա էր չոքել, սակայն բոլորը լուռ սպասում էին, մինչև վերջիններս ձախ կցաշինության և խորանի կողմից դուրս եկան մեր դիմաց և շրջապատեցին ձախ զոհասեղանը։

Բազմաթիվ պայծառ, կարմիր լույսով չփոխարինված գրպանի լապտերներ։ Շտոյտեբեքերը վեր կացավ, խաչակնքվեց, իրեն լապտերների լույսի տակ ի ցույց դրեց, իր թավշամահուդե գլխարկը փոխանցեց դեռևս ծնկի եկած Ածխագործին և իր անձրևանոցի մեջ շարժեց դեպի մի ինչ֊որ աղոտ ուրվագծվող ստվերը, դեպի Նորին բարեկրոնություն Վինկեն։ Այդ ստվերի ետևից դուրս բերեց բարալիկ, ձեռքերը թափահարող ինչ֊որ մեկին, դեպի լույս բերեց Լյուսիա Ռենվադին և հարվածում էր գլխարկ հագած աղջկա եռանկյունի խորամանկ դեմքի դնչի տակին, մինչև ոստիկանական բռունցքի հարվածը նրան նետեց նստարանների մեջտեղի անցման մեջ։

― Հե՛յ, Յոշկե։ ― Ես իմ Կույսի բարձրունքներից լսեցի ոստիկաններից մեկի ճչոցը։ ― Չէ՞ որ սա մեր շեֆի որդին է։

Այդ կերպ Օսկարը ակնհայտ բավարարվածությամբ իմացավ, որ, ի դեմս իր հուսալի տեղակալի, գործ է ունեցել հենց պոլիցայպրեզիդենտի որդու հետ, ինչից հետո, առանց դիմադրություն ցույց տալու, պատկերելով նվնվացող, գարշելի տղաների կողմից մոլորեցված երեք տարեկանի, թույլ տվեց, որ զբաղվեն իրենով։ Նորին բարեկրոնություն Վինկեն ինձ գրկեց։

Գոռում էին միայն ոստիկանները։ Տղաներին տարան, Նորին բարեկրոնությունը ստիպված էր ինձ իջեցնել հատակին, քանզի թուլության հանկարծակի բռնկումը նրան ստիպեց իջնել մոտակա նստարանի վրա։ Ես կանգնեցի մեր հանդերձամքի կողքին և լինգի ու մուրճերի ետևում տեսա երշիկով բուտերբրոտներով լի զամբյուղ, որը գործի գնալուց առաջ Դմբուզն էր պատրաստել։

Ես արագ վերցրեցի զամբյուղը, մոտեցա նիհար, իր բարալիկ վերարկուի մեջ սառչող Լյուցիային և բուտերբրոտները փոխանցեցի նրան։ Նա ինձ բարձրացրեց, նստեցրեց աջ ձեռքի վրա, ձախից կախեց բուտերբրոտները, ահա դրանցից մեկը՝ արդեն մատների մեջ է, էլի քիչ անց և արդեն՝ ատամների մեջ, իսկ ես ուսումնասիրում էի նրա այրվող, ծեծված, կուչ եկած, սակայն դմբլիկ դեմքը։ Սև ճեղքերի մեջ անհանգիստ դես ու դեն են շարժվում աչքերը, մաշկը կարծես կոփված լինի, ծամող եռանկյունի, տիկնիկ, Սև խոհարարուհին երշիկը ուտում է կեղևի հետ, ծամելով ավելի նիհար է դառնում, ավելի սոված, ավելի եռանկյունի, ավելի տիկնիկային՝ տեսք, որն ընդմիշտ իր կնիքը թողեց ինձ վրա։ Ո՞վ կհեռացնի այդ կնիքը իմ ճակատի վրայից, իմ ճակատի տակից։ Որքա՞ն երկար պետք է իմ մեջ շարունակվի այդ ծամելը՝ երշիկ, կեղև, մարդիկ, և այն ժպիտը, որով կարող են ժպտալ միայն եռանկյունիները և մեկ էլ գործված գորգերի վրայի կանայք, որոնք իրենց օգտագործման համար միաեղջյուրներ են դաստիարակում։

Երբ երկու ոստիկաններ տանում էին Շտյորտեբեքերին, նա Լյուցիայի, ինչպես և Օսկարի, կողմն ուղղեց իր արնաշաղախ դեմքը և, դադարելով նրան ճանաչել, նայեց նրա կողքին երշիկ խժռող Լյուցիայի ձեռքերին և, հինգ֊վեց ոստիկաններով շրջապատված, դուրս բերվեց իմ գլխավորած նախկին ավազակախմբի ետևից։

Իսկ ի՞նչ մնաց։ Մնաց Նորին բարեկրոնություն Վինկեն՝ մեր զույգ լապտերների հետ, որոնք դեռ միացված էին կարմիր լույսի վրա, մնաց եկեղեցու փոքրավորների հագներից արագ ցած նետած հագուստների ու քահանայի հագուստի միջև։ Թասը և ընծայապահպանուհին մնացել էին զոհասեղանի աստիճանների վրա, իսկ մանուկ Հիսուսը և սղոցված Հովհաննեսը մնացել էին Կույսի կողքին, որը նախատեսված էր նրա համար, որպեսզի հակակշիռ դառնա Փութեի նկուղի միաեղջյուրի հետ տիկնոջով գորգին։ Իսկ Օսկարին տարան դատավարությանը ընդառաջ, որ ես մինչ օրս անվանում եմ Հիսուսի երկրորդ դատավարությունը՝ հետևաբար Հիսուսի արդարացումը։


Մրջյունի արահետ

Պատկերացրեք մի լողավազան, որը պատված է երկնագույն սալիկներով, լողավազանի մեջ լող են տալիս մարզական ոգով լի արևից թխացած մարդիկ։ Լողավազանի եզրին լողախցիկների դիմաց նստած են նույն ոգով լցված տղամարդիկ ու կանայք։ Բարձրախոսից ցածրաձայն երաժշտություն է հնչում։ Թեթև, ոչ մի բանի չպարտավորեցնող, առողջ ձանձրույթ, լողազգեստների մեջ լիուլի լցված էրոտիկա։ Սալիկները սոթլիկ են, բայց, այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկը չի սայթակում։ Արգելքներ ազդարարող շատ քիչ ցուցանակներ կան, սակայն դրանք էլ հարկավոր չեն, քանի որ լողացողները ընդամենը երկու ժամով են գալիս և, ուրեմն, բոլոր արգելքները խախտվում են արդեն լողարանի սահմաններից դուրս։ Ժամանակ առ ժամանակ ինչ֊որ մեկը թռչում է երեք մետրանոց աշտարակից, սակայն չի կարողանում իր վրա հրավիրել լողացողնեերի հայացքները, շեղել ափին պառկած պատկերազարդ ամսագրերի լողազգեստներով ուշադրությունը։ Հանկարծ՝ մի թեթև շարժում։ Դա մի երիտասարդ մարդ է, որը դանդաղ, նպատակասլաց մի լայնակի ձողից մյուսից բռնելով՝ աստիճաններով բարձրանում է տասը մետրանոց նշագծի վրա։ Ցած են իջեցված Եվրոպայից ու Ամերիակյից ռեպորտաժները պարունակող ամսագրերը, նրա հետ միաժամանակ վեր են բարձրանում բոլոր աչքերը, պառկած մարմինները դառնում են ավելի երկար, հովհարաձև գլխարկով երիտասարդ կինը ձեռքի ափը մոտեցնում է աչքերին, ինչ֊որ մեկը մոռանում է, թե ինչի մասին էր հենց նոր մտածում, ինչ֊որ բառ չարտասանված է մնում։ Հենց նոր սկսված սիրախաղը ընդհատվում է արտահայտության մեջտեղում՝ քանզի արդեն նա, հրաշալի կազմվածքով, ուժով լի, կանգնած է տախտակի վրա, թեթևակի ցատկոտում է, ետ է հենվում պատնեշի մի քիչ կորացված պողպատյա խողովակին, կարծես ձանձրույթով նայում է ներքև, ազդրերի պերճաշուք շարժումով պոկվում է պատնեշից։ Համարձակորեն ոտքը դնում է ամեն քայլափոխին զսպանակավոր տրամպլինի վրա, նայում է ներքև՝ զարմանալիորեն փոքր, երկնագույն լողավազանի նեղ սահմաններին, որի մեջ կրկին ու կրկին իրար են խառնվում լողորդուհիների կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ, կարմիր, դեղին, կանաչ, սպիտակ, կարմիր դեղին գլխարկները։ Այնտեղ պետք է նստած լինեն ծանոթները՝ Դորիսն ու Էրիկան, Շյուլետն ու Յուտա Դանիելսը իր ընկերոջ հետ, որը նրան ամենևին համապատասխան չէ։ Նրանք ձեռքով են անում, Յուտան էլ է թափահարում ձեռքը։ Նա ևս ի պատասխան ձեռքով է անում՝ վախենալով կորցնել հավասարակշռությունը։ Նրանք բղավում են։ Ի՞նչ են նրանք ուզում։ Որպեսզի չկանգնես, ահա թե ինչ, գոռում են նրանք, որպեսզի ցատկես, գոռում է Յանը։ Սակայն նա ամենևին էլ չի պատրաստվում ցատկել, նա ուղղակի ուզում է տեսնել, թե ինչպես է այնտեղ, վերևում, ինչից հետո դանդաղ, լայնակի ձողերը մեկը մյուսի ետևից հաղթահարելով, կրկին կիջնի ներքև։ Իսկ նրանք այնպես են գոռում, որ բոլորը լսում են, բարձր են գոռում։

― Ցատկի՛ր։ Դե, ցատկի՛ր։ Ցատկի՛ր։

Եվ դա, կարծում եմ դուք ինձ հետ կհամաձայնեք, անկախ նրանից, թե որքան էր աշտարակի վրա կանգնածը մոտեցել երկնքին, հրեշավոր բարդ իրավիճակ էր։

Ահա, ճիշտ այդպիսի իրավիճակ էր, չնայած լողանալու սեզոնի փակումից հետ, քառասունհինգի հունվարին, ստեղծվել ինձ հետ սրբողների ավազակախմբի գործում։ Կարելի է ասել, որ մենք բոլորս հանդգնել էինք բարձրանալ ամենավերևը, իսկ այժմ տրամպլինի վրա հրմշտում էինք իրար, իսկ ներքևում՝ մեր տակ, ջրից զուրկ լողավազանի շուրջը պայտ կազմած, հանդիսավոր նստած էին դատավորները, ատենակալները, վկաներն ու դատական ծառայողները։

Եվ այստեղ առանց պատնեշը զսպանակող տրամպլինի վրա ոտք դրեց Շտյորտեբեքերը։

«Ցատկիր»՝ գոռում էր դատավորների երգչախումբը։

Սակայն Շտյորտեբեքերը չէր ցատկում։

Եվ այդ ժամանակ ներքևում, վկաների համար նստարաններից, ոտքի կանգնեց բերխտեսգադյան գործված ժակետով և մոխրագույն մանրածալք շրջազգեստով մի նեղ կանացի ֆիգուր։ Նա իր սպիտակ, սակայն ոչ փարթամ դեմքը, որի մասին ես մինչ օրս էլ պնդում եմ, որ այն եռանկյունու ձև ունի, բարձրացրեց՝ ինչպես նշանակակետի լուսավորված նշագծում․ Լյուցիան չգոռաց, այլ շշնջաց․ «Ցատկիր, Շտյորտեբեքեր, ցատկի՛ր»։

Եվ Շտյորտեբեքերը ցատկեց, իսկ Լուցիան կրկին իջավ վկաների նստարանի կոշտ փայտի վրա և ներքև իջեցրեց իր գործված ժակետի թևքերը՝ դրանցով ծածկելով բռունցքները։

Մոորկենեն կաղալով գնում էր դեպի տրամպլին։ Դատավորները նրան ցատկելու կոչ էին անում։ Սակայն Մոորկենեն չէր ուզում, շփոթված ժպտում էր՝ զննելով իր եղունգները, սպասեց, մինչև Լյուցիան կիջեցնի թևքերը, առաջ պարզի բռունցքները և դեպի իրեն ուղղի նեղ բացվածք ունեցող աչքերով շրջանակված սև եռանկյունին։ Եվ այդ ժամանակ նա ցատկեց, նպատակասլացորեն ցատկեց այդ եռանկյունու վրա, սակայն այդպես էլ նրան չհասավ։

Ածխագողն ու Փութեն, որոնք դեռևս բարձրանալիս բավականին խաղաղ էին տրամադրված, վերևում հանկարծ կրկին կպան իրար։ Ածխագողը սկսեց Փութեին սրբել և նույնիսկ ցատկելիս նրան բաց չթողեց։

Դմբուզը, որը երկար մետաքսանման թերթևունքներն ուներ, ցատկեց առաջ, փակեց իր եղնիկի անհատակ տխուր աչքերը։

Օժանդակ անձնակազմի մարտիկներին հրամայված էր ցատկելուց առաջ հանել համազգեստները։

Ռենվանդ եղբայրներին ևս թույլ չտվեցին տրամպլինից դեպի երկինք ցատկել եկեղեցու փոքրավորների հագուստներով։ Նրանց քույրիկ Լյուցիան, որը պատերազմական ժամանակների նոսր գործվածքով բազմել էր վկաների նստարանին և նախանձախնդիր էր տրամպլինից ցատկերի հարցում, ոչ մի դեպքում նրանց դա թույլ չէր տա։

Ի տարբերություն իրադարձությունների պատմական ընթացքի, սկզբում ցատկեցին Վելիզարիոսն ու Նարսեսը և հետո միայն՝ Տոտիլան ու Տեյան։

Ցատկեցին Կապույտ Մորուքը, Առյուծասիրտը և ավազակախմբի լանդսկնեխտները՝ Քիթը, Բուշմենը, Տանկերը, Շվացնողը, Մանանեխի սպեղանին, Յաթաղանն ու Տակառագործը։

Երբ ցատկեց Շտուխելը՝ զարմանքի աստիճան շեղաչք վեցերորդ դասարանցին, որը, ճիշտն ասած, միայն կիսով չափ և պատահականորեն էր ավազակախմբին պատկանում, տախտակի վրա մնաց միայն Հիսուսը, և բոլոր դատավորները նրան խմբովի կոչ էին անում ցատկել արդեն որպես Օսկար Մացերատ, այդ կոչը Օսկարը չէր լսում։ Եվ երբ վկաների նստարանի վրայից վեր կացավ անդադրում Լյուցիան՝ թիակների միջև մոցարտյան հյուսքով ու առաջ պարզեց իր գործված թևքերը և, սեղմած շուրթերը շարժելով, շշնջաց․ «Քաղցրագույն Հիսուս, ցատկիր, դե ցատկիր, էլի», միայն այդ ժամանակ ես հասկացա տասը մետրանոց տրամպլինի դավաճանական էությունը, և այդ ժամանակ իմ ծնկների տակի փոսիկների մեջ սկսվեց կատվի փոքրիկ ձագուկների իրարանցումը։ Այդ ժամանակ իմ ոտքերի տակ սկսեցին ոզնիներ ծնվել, այդ ժամանակ իմ թևատակերում նախապատրաստվեցին թռչել ծիծեռնակները, այդ ժամանակ ողջ աշխարհն էր փռված իմ ոտքերի մոտ, այլ ոչ թե միայն Եվրոպան։ Այդ ժամանակ ամերիկացիները ճապոնացիների հետ Լուսոն կղզում սկսեցին ջահերով պարել, այդ ժամանակ և՛ շեղաչքեր, և՛ չռված աչքեր ունեցողները կորցրեցին իրենց համազգեստների կոճակները։ Սակայն ահա այդ ժամանակ Ստոկհոլմում հայտնվեց մի դերձակ, որը երեկոյան կոստյումի վրա հազիվ նշմարելի երիզով կոճակներ էր կարում, այդ ժամանակ Մաութբաթենը Բիրմայի փղերին կերակրում էր ցանկացած տրամաչափի արկերով։ Այդ ժամանակ, հենց այդ նույն ժամանակ, Լիմայում մի ոմն այրի իր թութակին սովորեցրեց ասել «կարամբա» բառը։ Այդ ժամանակ խաղաղ օվկիանոսի ջրերի վրայով իրար դեմ֊հանդիման էին լողում երկու հզոր ավիակիրներ, որոնք զարդաներկված էին գոթական տաճարների նմանությամբ։ Իրենց ինքնաթիռներին թույլ տվեցին թռիչք կատարել իրենց տախտակամածների վրայից, ինչից հետո միմյանց խորտակեցին։ Իսկ ինքնաթիռները այժմ վայրէջք կատարելու տեղ չունեին, և նրանք հրեշտակների նման անօգնական և զուտ այլաբանորեն կախվեցին օդում՝ աղմկելով օգտագործելով վառելիքի պահուստները։ Սակայն դա իր հերթին Հապարանդում ոչ մի տպավորություն չգործեց ոմն տրամվայի մեքենավարի վրա, որը հենց նոր էր ավարտել իր աշխատանքային օրը։ Նա ծիծաղելով և ամեն ինչ նախապես կշռադատելով՝ թավայի վրա կոտրեց ձվերը, երկուսը իր համար, երկուսը՝ իր հարսնացուի, որի գալուն էր սպասում։ Իհարկե, հանցանք չի լինի փոխանցել նաև այն, որ Կոնևի և Ժուկովի բանակները կրկին շարժման մեջ կմտնեն, և, մինչ Իռլանդիայում անձրև էր գալիս, նրանք Վիսլայով ճեղքեցին ռազմաճակատը, գրավեցին Վարշավան։ Ավելի ուշ՝ նաև Քյոնիգսբերգը։ Սակայն նույնիսկ նրանք չկարողացան խանգարել հինգ երեխա և մեկ ամուսին ունեցող պանամացի մի կնոջ՝ գազօջախի վրա կաթի փախնելուն։ Անխուսափելի էր և այն, որ ընթացիկ իրադարձությունները ոլոր֊մոլոր շարժվում և պատմություն էին դառնում։ Ես ուշադրություն դարձրեցի նաև, որ գործունեության այնպիսի ձևերը, ինչպիսիք են մատներով ծխելը, ճակատ կնճռոտելը, գլուխ խոնարհելը, ձեռքսեղմումները, երեխաներ պատրաստելը, կեղծ թղթադրամներ տպելը, լույս հանգցնելը, ատամներ մաքրելը, տեղն ու տեղը սպանելն ու վերաբարուրելը, յուրացվում էին ամենուրեք՝ չնայած վարպետության տարբեր աստիճանով։ Բոլոր այդ նպատակասլաց գործողությունները ինձ խելքահան էին անում։ Եվ այդ իսկ պատճառով իմ ուշադրությունը կրկին շրջվեց դեպի դատավարությունը, որն անց էր կացվում իմ պատվին՝ աշտարակի լանջի մոտ։ «Ցատկիր, քաղցրագույն Հիսուս, ցատկիր», ― շշնջաց այդ ժամանակից շուտ հասունացած վկա Լյուցիա Ռենվանդը։ Նա նստել էր սատանայի ձեռքերի վրա, ինչը ավելի շատ էր ընգծում նրա կուսությունը։ Նրան ակնհայտորեն հաճույք էր պատճառում սատանայի ձեռքից երշիկով բուտերբրոտ ստանալը։ Նա ատամները խրել էր բուտերբրոտի մեջ, սակայն պահպանել էր կուսությունը։ «Ցատկիր, քաղցրագույն Հիսուս», ― ծամում էր նա՝ ցուցադրելով ինձ իր անվնաս եռանկյունին։

Սակայն ես չցատկեցի և այսուհետ ևս չեմ պատրաստվում աշտարակներից ցատկել։ Դա Օսկարի համար վերջին դատավարությունը կլիներ։ Ինձ մեկ կամ երկու անգամ չէ, որ նաև վերջին ժամանակներս փորձում էին դրդել ցատկելու։ Ինչպես սրբողների ավազակախմբի դատավարության ժամանակ, այնպես էլ մատանեմատի դատավարության ժամանակ, որը ես, թերևս, կանվանեմ Հիսուսի երրորդ դատավարությունը, առանց ջրի երկնագույն լողավազանի եզրերին չափից ավելի հանդիսատեսներ կային։ Նրանք նստում էին վկաների նստարաններին, մտադրություն ունենալով ապրել նաև իմ դատավարությունից հետո։

Իսկ ես շրջվեցի, ես ճզմեցի իմ թևատակերի ճարպիկ ծիծեռնակներին, սովամահ արեցի իմ ծնկնատակերի փոսիկների ու չծալվող ոտքերիս վրայի մոխրագույն կատվի ձագերին։ Գիտակցելով ցատկողի բարձր զգացմունքները՝ մոտեցա ճաղացանկապատին, իջա աստիճանների վրա, սկսեցի իջնել, և ներքև իջնելու ճանապարհի ամեն մի լայնակի ձողը հաստատում էր ինձ, որ աշտարակներից կարելի է ոչ միայն ցատկել, այլև իջնել առանց ցատկելու։

Ներքևում ինձ էին սպասում Մարիան ու Մացերատը, իսկ Նորին բարետեսություն Վինկեն ինձ օրհնեց՝ չնայած ոչ ոք նրան չէր խնդրել դա անել։ Գրեթխեն Շեֆլերը ինձ թխվածքներ ու ձմեռային վերարկու բերեց։ Փոքրիկ Կուրտը արդեն մեծացել էր և այժմ չէր կամենում ի դեմս ինձ ճանաչել ո՛չ հորը, ո՛չ իր եղբորը։ Կոլյայչեկ տատիկը թևանցուկ էր արել իր Վինցենտ եղբորը։ Սա լավ գիտեր աշխարհը և անկապ ելույթներ էր ունենում։

Երբ մենք լքում էինք դատարանի շենքը, Մացերատին մոտեցավ քաղաքացիական հագուստով մի չինովնիկ, նրան մի փաստաթուղթ տվեց ու ասաց․

― Ձեզ խորհուրդ ենք տալիս մեկ անգամ էլ ամեն ինչ ծանր ու թեթև անել, պարոն Մացերատ։ Երեխային անհրաժեշտ է փողոցից հանել։ Չէ՞ որ դուք տեսնում եք, թե այդ անօգնական արարծին ինչպիսի տարրեր կարող են օգտագործել։

Մարիան լաց լինելով իմ ուսից կախեց թմբուկը, որը դատավարության ժամանակ նորին բարետեսությունը պահում էր իր մոտ։ Մենք գնացինք կենտրոնական կայարանին կից տրամվայի կանգառը, և ճանապարհի վերջին հատվածը Մացերատը ինձ տարավ ձեռքերի վրա։ Նրա ուսի վրայով ես նայում էի ետ, ամբոխի մեջ եռանկյունի դեմք էի փնտրում, ցանկանում էի իմանալ․ ստիպվա՞ծ եղավ նա, արդյոք, բարձրանալ աշտարակի վրա, ցատկե՞ց նա, արդյոք, Շտյորտեբեքերի, Ռենվանդի ու Մոորկենի ետևից, թե՞ ինձ նման ընտրեց երկրորդ հնարավորությունը, որն ընձեռում է յուրաքանչյուր աստիճանավանդակ՝ իջնելու հնարավորությունը։

Մինչ օրս էլ ես չեմ կարողացել բաժանվել իմ սովորությունից՝ փողոցներում ու հրապարակներում աչքերով փնտրել խելացի դեռատի աղջկա, որը ո՛չ գեղեցիկ է և ո՛չ էլ այլանդակ, սակայն այնուամենայնիվ անդադար սպասում է տղամարդկանց։ Նույնիսկ իմ հատուկ բժշկական հաստատության մահճակալի վրա պառկած, ես իրար եմ խառնվում, երբ Բրունոն ինձ զեկուցում է անծանոթ այցելուի մասին։ Եթե այն արտահայտեմ բառերով, ապա իմ սարսափը այսպես է հնչում․ հիմա ներս կընկնի Լյուցիա Ռենվանդը և վերջին անգամ, ինչպես մանկական տարիների բոբո, ինչպես Սև խոհարարուհի, կստիպի, որպեսզի դու ցատկես։

Մացերատը տասը օր խորհեց՝ արդյո՞ք ստորագրի նամակը և այն ուղարկի առողջապահության նախարարություն։ Երբ երկրորդ օրը նա ի վերջո այն ուղարկեց, հրետանին արդեն ռմբակոծում էր քաղաքը և կասկածի տակ էր, թե փոստին կհաջողվի՞, արդյոք, նամակը հասցնել հասցեատիրոջը։ Մարշալ Ռոկոսովսկու առջևից գնացող տանկային զորամասերը արդեն հասել էին մինչև Էլբինգ։ Իսկ Երկրորդ բանակը, Վայսի բանակը՝ դիրքավորվել էր Դանցիգ քաղաքի շրջակա բարձրունքներում։ Մեզ համար սկսվեց նկուղային կյանքը։

Ինչպես մեզ բոլորիս քաջ հայտնի է, մեր նկուղը գտնվում էր անմիջապես կրպակի տակ։ Այնտեղ կարելի էր մտնել ուղղակի մուտքից, զուգարանի դիմացի դռան միջով, տասնութ աստիճաններ իջնելով, Հայլանդի ու Քաթերների նկուղից հետո, Շլեգերի նկուղի դիմաց։ Ծերունի Հայլանդը դեռ այստեղ էր, սակայն ֆրաու Քաթերը և ժամագործ Լաուբշադը, և Շլեգերների ընտանիքը, իրենց հետ մի քանի կապոցներ վերցնելով, անհետացել էին։ Նրանց, ինչպես նաև Գրեթխեն և Ալեքսանդր Շեֆլերների մասին հետագայում խոսում էին, որ վերջին րոպեին նրանց հաջողվել է բարձրանալ նախկին «Ուժ ուրախության միջով» միության նավի վրա և ծով դուրս գալ կամ Շտետինից, կամ Լյուբեկից, կամ ուղղակի ականի վրա՝ և դեպի օդ։ Համենայն դեպս, բնակարանների և նկուղների կեսից ավելին այժմ դատարկ էր։

Մեր նկուղը մի կարևոր առավելություն ուներ՝ երկրորդ մուտքի առկայությունը, որն իրենից ներկայացնում էր, ինչպես մենք, սակայն, այնպես էլ արդեն գիտենք, վաճառասեղանի ետևում բացվող կափարիչը։ Այդ իսկ պատճառով ոչ ոք չէր կարող տեսնել, թե ինչ է տանում Մացերատը նկուղ, և ինչ է այնտեղից վերցնում։ Մարդիկ նախանձից կմեռնեին, եթե նրանց վիճակվեր տեսնել այն պաշարները, որոնք Մացերատը պատերազմի ընթացքում հասցրեց կրել, բերել։ Չոր ու տաք տարածքը վերևից ներքև լցված էր մթերքներով, այստեղ դարակների վրա, որոնք գործունյա Մացերատը սեփական ձեռքերով էր պատրաստել և ամրացրել էր պատի մեջ խփված ամրաններով, տեղավորվել էին լոբազգի ու մակարոնե արտադրանքները, շաքարը, արհեստական մեղրը, ցորենի ալյուրը, մարգարինը։ Այստեղ չորացված հացի արկղերը հարակցում էին բուսական յուղի արկղերին, լայպցիգյան մսով պահածոների տուփերը վեր էին խոյանում դեղնաշլորի, կանաչ սիսեռի ու շլորի տուփերի կողքին։ Մոտավորապես պատերազմի կեսերին, Գրեֆի պնդմամբ, բետոնե հատակի ու առաստաղի միջև ներդրված հատուկ նյութերը և սարքավորումները պետք է ռմբապաստարանին հուսալիություն հաղորդեին։ Մացերատը արդեն վաղուց ուզում էր հանել այդ պահանջները, քանի որ Դանցիգը, եթե չհաշվենք մի քանի ցուցադրական օդային գրոհները, լուրջ ռմբակոծություն չէր տեսել։ Սակայն երբ արդեն լյուֆտշուցվարտ Գրեֆը չէր կարող Մացերատի վրա ազդեցություն գործել, հենց Մարիան խնդրեց սյուները պահպանել, որպեսզի փոքրիկ Կուրտի և մասամբ էլ ինձ համար հանգիստ լինի։

Հունվարի վերջին առաջին ռմբակոծությունների ժամանակ ծերունի Հայլանդն ու Մացերատը միավորված ջանքերով մեր նկուղ էին իջեցնում այն բազկաթոռը, որի վրա նստած էր Տրուչինսկի մայրիկը։ Հետո կամ այն է՝ նրա խնդրանքով, կամ էլ դժվար աշխատանքից վախենալով, նրանք սկսեցին նրան թողնել բնակարանում, պատուհանի մոտ։ Հին քաղաքի վրա օդային մեծ գրոհից հետո Մարիան ու Մացերատը ծեր կնոջը գտան կախ ընկած ծնոտով և այն աստիճան վեր չռված աչքերով, կարծես նրա մոտ, այնտեղ կպչուն ճանճիկ էր թռել֊մտել։ Այդ ժամանակ ննջասենյակի դուռը ծխնուց հանեցին, ծերունի Հայլանդը իր արհեստանոցից գործիքներ ու մի քանի տախտակ բերեց։ Մացերատի կողմից նվեր ստացած «Դերբի» սիգարետները ծխելով՝ նա սկսեց չափումներ կատարել։ Օսկարը օգնում էր նրան։ Մյուսները կրկին սուզվեցին նկուղ, որովհետև բլուրի վրայից վերսկվեց հրետանային կրակը։ Հայլանդը ուզում էր հնարավորին չափ շուտ ավարտել և մեխերով պատրաստում էր հասարակ դագաղ, որը չէր նեղանում։ Սակայն Օսկարը գերադասում էր ավանդական կառուցվածքը, նա չէր խաղաղվում և տախտակները այնպես էր պահում սղոցի տակ, որ վերջ ի վերջո Հայլանդը որոշեց դագաղը ոտքերի մասում նեղացնել, ինչն իրավունք ունի իր համար պահանջելու ցանկացած մարդկային մարմին։

Արդյունքում դագաղը լիովին ազնվաբարո տեսք ունեցավ։ Գրեֆուհին Տրուչինսկի մայրիկին լողացրեց, պահարանից հանեց մաքուր լվացված գիշերային վերնաշապիկը, կտրեց նրա եղունգները, կարգի բերեց ծոծրակամասի մազափունջը՝ դրանք ամրացնելով երկու ծամակալներով։ Կարճ ասած, ամեն ջանք գործադրեց, որպեսզի Տրուչինսկի մայրիկը մահվանից հետո էլ հիշեցներ այն մոխրագույն մկանը, որը կենդանության օրոք հաճույքով ածիկի սուրճ էր խմում և կարտոֆիլ ուտում։

Սակայն քանի որ օդային գրոհի ժամանակ մուկը իր բազկաթոռի մեջ ջղաձգորեն կծկվել էր և ցանկացել ոտքերը փորին սեղմած պառկել, ծերունի Հայլանդը ստիպված էր, երբ փոքրիկ Կուրտին գրկած Մարիան մի քանի րոպեով դուրս գնաց սենյակից, կոտրել նրա զույգ ոտքերը, որպեսզի հնարավոր լիներ դագաղը հանգիստ մեխել։

Ցավոք սրտի, մենք միայն դեղին ներկ ունեինք, իսկ սևը չունեինք։ Ահա և ստիպված էինք Տրուչինսկի մայրիկին չներկված, չնայած որ ոտքերի մասում նեղացող, դագաղով բնակարանից հանել, հետո աստիճաններով իջեցնել։ Օսկարը իր թմբուկը տանում էր ետևից և ընթերցում էր կափարչի վրայի գրությունը․ «Մարգարին֊Վիտելլո֊Մարգարին֊Վիտելլո֊Մարգարին֊Վիտելլո», դա այնտեղ գրված էր հավասար հատվածների միջև, ինչը ետին թվով մեզ հիշեցնում էր Տրուչինսկի մայրիկի ճաշակի մասին։ Կենդանության օրոք նա ցանկացած կարագից առավել գերադասում էր «Վիտելլո» մարգարինը, որովհետև մարգարինն օգտավետ է, որովհետև այն կայտառություն է հաղորդում, կշտացնում և բարձրացնում է տրամադրությունը։

Ծերունի Հայլանդը քշելով ձեռնասայլակ բերեց, որը վերցրել էր Գրեֆի բանջարեղենի կրպակից, Լուիզենշտրասեով, Մարիենշտրասեով, Անտոն֊Մյուլլեր֊Վեգով, այդ ժամանակ այնտեղ հենց երկու տներ էին այրվում, դեպի կանացի հիվանդությունների հիվանդանոցի կողմը։ Փոքրիկ Կուրտը այրի Գրեֆի հետ մնաց մեր նկուղում։ Մարիան ու Մացերատը հրում էին, իսկ Օսկարը նստել էր սայլակի վրա, դեմ չէր լինի բարձրանալ դագաղի վրա, սակայն չէր համարձակվում։ Ճանապարհները խցանված էին Արևելյան Պրուսիայի և Վերդերի փախստականներով։ Դժվար թե հնարավոր լիներ անցնել մարզադահլիճի դիմացի ստորգետնյա անցումով։ Մացերատն առաջարկեց գերեզման փորել Կոնրադյան գիմնազիայի բակում։ Մարիան դեմ էր։ Ծերունի Հայլանդը, իսկ նա և Տրուչինսկի մայրիկը գրեթե նույն տարիքին էին, խույս տվեց։ Ես էլ էի դպրոցի բակին դեմ։ Համենայն դեպս ստիպված էինք հրաժարվել քաղաքային գերեզմանատնից, որովհետև մարզադահլիճից սկսած և այնուհետ, Հինդենբուրգալեով երթևեկելը թույլատրվում էր միայն զինվորական նպատակներով մեքենաներին։ Մենք այդպես էլ մուկիկին չկարողացանք թաղել իր որդի Հերբերթի կողքին, դրա փոխարեն նրա համար տեղ գտանք Շտեֆենսպարկում Մայիսյան մարգագետնից այն կողմ, հենց ուղիղ քաղաքային գերեզմանատան դիմաց։

Պարզվեց, որ հողը սառած է։ Մինչ Մացերատը Հայլանդի հետ փոխնիփոխ աշխատում էր քլունգով, իսկ Մարիան փորձում էր փորել, հանել պատատուկը, որոնք պատել էին քարե նստարանները, Օսկարը, լիակատար ինքնուրույնություն ցուցաբերելով, շուտով հայտնվեց Հինդերբուրգալեի ծառերի մեջ։ Ինչպիսի աշխույժ երթևեկություն։ Բլուրներից ու Վերդերից ուղղությունները փոխած տանկերը բուքսիրի վերցրած քաշում էին միմյանց։ Ծառերի վրա, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ դրանք լորենիներ էին, կախված էին զինվորներն ու աշխարհազորայինները, նրանց համազգեստների վրայից կրծքերին կախված լիովին ընթեռնելի ստվարաթղթե ցուցանակները ազդարարում էին, որ բոլոր այդ ծառերի վրա կամ բոլոր այդ լորենիների վրա՝ բոլորը դավաճաններ են կախված։ Ես նայում էի բազմաթիվ խեղդամահ արվածների լարված դեմքերին, համեմատում կամ ուղղակի այնպես, սակայան առավել շատ կախված, բանջարեղեն վաճառող Գրեֆի հետ։ Ես տեսա նաև կապոցով կախված տղաների մեծ և ոչ իրենց հագով համազգեստներով, մի քանի անգամ այս կամ այն կախվածի մեջ աչքիս Շտյորտեբեքերը երևաց՝ չնայած բոլոր կախված տղաները միևնույն տեսքն ունեին և, այնուհանդերձ, ինձ ասացի․ «Նշանակում է՝ նրանք Շտյորտեբեքերին կախել եմ, հետաքրքիր է, իսկ Լյուցիային նրանք նույնպե՞ս ձգել են վեր»։

Այս միտքը Օսկարին թևավորեց։ Նա սկսեց ուսումնաիրել ձախ ու աջ կողմի ծառերը՝ փնտրելով կախված բարալիկ աղջկան, համարձակվեց նույնիսկ տղաների միջով անցնել ծառուղու մյուս կողմը, սակայն այնտեղ ևս գտավ աշխարհազորայինների, ծեր պահեստայինների, մեկ էլ՝ Շտյորտեբեքերին նման տղաների։ Ես հիասթափությամբ լցված, մինչև կիսավեր «Տարվա չորս եղանակները» սրճարանը սանրեցի ծառուղին, մեծագույն տհաճությամբ վերադարձա հետ թմբի վրա տերևներ ու պատուտակ շաղ տալիս, դեռևս հաստատապես ու հստակ պատկերացնում էի կախված Լյուցիային։

Այրի Գրեֆի ձեռնասայլակը մենք բանջարեղենի կրպակ չվերադարձրինք։ Մացերատը և ծերունի Հայլանդը այն բաժանեցին մասերի և դարսեցին վաճառասեղանի դիմաց, ինչից հետո գաղությային ապրանքների վաճառականը, ծերունուն ևս երեք տուփ «Դերբի» սիգարետ տալով ասաց․

― Կարող է էլի պետք գա։ Համենայնդեպս այստեղից ոչ մի տեղ չի կորչի։

Իսկ ծերունի Հայլանդն ընդհանրապես ոչինչ չասաց, դրա փոխարեն գրեթե դատարկ դարակներից վերցրեց մի քանի տոպրակ մակարոն և երկու տուփ շաքար, ինչից հետո քստքստացնելով իր թաղիքե հողաթափերը, որոնք, իմիջիայլոց, հագել էր թաղման ժամանակ, և՛ այնտեղ գնալիս, և՛ ետադարձ ճանապարհին, քստքստացնելով հեռացավ՝ հնարավորություն տալով, որպեսզի Մացերատը խղճուկ մնացորդը կրպակից տեղափոխի նկուղ։

Այժմ մենք գրեթե նկուղը չէինք լքում։ Ասեկոսներ էին տարածվում, թե ռուսները արդեն Ցիգանկերբերգում են, Պիցհենդորֆում և Շիդլիցի դիմաց։ Համենայնդեպս, նրանք ակնհայտորեն զբաղեցնում էին բարձրունքները, որովհետև քաղաքի վրա կրակում էին ուղիղ նշանառությամբ։ Աջ քաղաքը, Տաքտեղի քաղաքը, Արվարձանը, Երիտասարդ քաղաքը, Նոր քաղաքը և Ներքին քաղաքը՝ բոլորը, նրանք, որ կառուցվել էին յոթ տասնամյակների ընթացքում, ամբողջությամբ այրվեցին երեք օրում։ Սակայն դա Դանցիգ քաղաքի առաջին հրդեհը չէր։ Պոմերանիայից մարդիկ, բրանդենբուրգցիները, միաբանության ասպետները, լեհերը, շվեդները և ևս մեկ անգամ շվեդները, ֆրանսիացիները, պրուսացիները, ռուսները, ինչպես նաև սաքսոնացիները, դեռ առաջներում պատմություն կերտելով, մոտավորապես քսան տարին մեկ գալիս էին այն հետևության, որ վատ չէր լինի քաղաքը այրել։ Իսկ այժմ ռուսները, լեհերը, գերմանացիները և անգլիացիները հարյուրերորդ անգամ էին միահամուռ թրծում գոթական շինությունների աղյուսները, ինչից աղյուսները վեր էին ածվում չորահացի։ Կրակով էին բռնկված Հեկերգասեն, Լանգգասեն, Բրայթգասեն, Վոլվեբերգասեն և Մեծն ու Փոքրը, այրվում էր Թոբիագասեն, Հունդեգասեն, Հին քաղաքում՝ Գրաբենը, Գրաբենը՝ արվարձանում, այրվում էին պատվարները, և այրվում էր երկար կամուրջը (փայտե դարպասները), որն առանձնապես գեղեցիկ էր այրվում։ Հոզեներգրասեի վրա, Փոքր Դերձակյանում կրակը շատ ավելի մեծ չափերի հասավ, քան կարելի էր երևակայել։ Մարիայի եկեղեցում կրակը ներսից էր դուրս գալիս՝ սլաքաձև պատուհանների միջով ցուցադրելով տոնական լուսավորումը։ Սուրբ Կատարինայի, Սուրբ Յոհանի, Սուրբ Բրիգիտայի, Բարբարայի, Եղիսաբեթի, Պետրոսի ու Պողոսի, Երրորդության և Սուրբ Խաչելության դեռևս չէվակուացված զանգերը հալվում էին իրենց զանգակատների վրա և առանց տնքոցի ու զնգոցի կաթում ներքև։ Մեծ ջրաղացում ցորեն էին աղում, Ֆլայայշերգասեում մսագործների այրված տապակայի հոտ էր գալիս, քաղաքային թատրոնում պրեմիերա էր, ներկայացնում էին «Հրձիգի երազանքները» երկիմաստ, մեկ արարից բաղկացած պիեսը։ Աջ քաղաքի ռատուշայում մտադրվել էին հրդեհից հետո ետին թվով բարձրացնել հրշեջների աշխատավարձերը։ Սուրբ Հոգու փողոցը բոցավառվում էր հանուն Սուրբ Հոգու, Սուրբ Ֆրանցիսկի մենաստանը, ուրախ բոցավառվում էր հանուն Սուրբ Ֆրանցիսկի, որը սիրում էր կրակը և գովերգում էր այն։ Իսկ Ֆրաուենգասեն այրվում էր միանգամից հանուն Հոր և Որդու։ Եվ, իհարկե, կարիք չկա ասել, որ և՛ Փայտանյութի շուկան, և՛ Ածխի շուկան, և՛ Խոտինը ևս այրվեցին։ Իսկ հացի փողոցում հացերը այդպես էլ մնացին վառարանում, իսկ Կաթնայինում կաթը եռալով թափվեց, և միայն Արևմտապրուսական ապահովագրական «Ապահովագրում կրակից» միության շենքը զուտ խորհրդանշանական պատճառներով չկարողացավ այրվել։

Օսկարը հրդեհներով առանձնապես չէր հրապուրվում երբեք։ Այդ իսկ պատճառով ես այդպես էլ կմնայի նկուղում նստած, երբ աստիճաններից բռնելով, վեր բարձրացավ Մացերատը, որպեսզի ձեղնահարկից դիտի այրվող Դանցիգը, եթե միայն հենց այդ ձեղնահարկում ես թերամրությանս պատճառով պահած չլինեի իմ փոքրաթիվ, հեշտությամբ բոցավառվող գանձերը։ Պետք էր փրկել ինչպես ռազմաճակատային թատրոնից մնացած վերջին թմբուկը, այնպես էլ Գյոթեն՝ Ռասպուտինի հետ։ Դրանից բացի, ես էջերի արանքում պահում էի նրբագույն, քնքուշ նկարազարդված հովհարը, որի հետ իմ Ռոզվիտան, իմ Ռագունան այդքան նրբորեն էր կարողանում վարվել, երբ ողջ էր։ Մարիան մնաց նկուղում, իսկ ահա փոքրիկ Կուրտը ցանկություն հայտնեց Մացերատի և ինձ հետ բարձրանալ տանիք, որպեսզի նայի կրակին։ Մի կողմից ինձ զայրացրեց իմ որդու անզուսպ հիացմունքը, իսկ մյուս կողմից՝ Օսկարն ինքն ասաց․ «Հաստատ դա նրա մոտ նախապաից և իմ պապիկից՝ հրձիգ Կոլյայչեկից է գալիս»։ Սակայն Մարիան թույլ չտվեց փոքրիկ Կուրտին գալ մեզ հետ, իսկ ինձ թույլ տվեց Մացերատի հետ բարձրանալ վերև, այնտեղ ես հավաքեցի իրերը, ձեղնահարկի պատուհանից հայացք նետեցի և հիացա այն ժայթքող բնական ուժով, որը կարողացավ դրսևորել այդքան հին ու պատվարժան քաղաքը։

Երբ մոտակայքում սկսեցին ռումբեր պայթել, մենք ցած իջանք ձեղնահարկից։ Մացերատը ուզում էր հետո մեկ անգամ էլ բարձրանալ, սակայն Մարիան նրան արգելեց։ Նա ենթարկվեց, նա լաց եղավ, երբ ներքևում մնացած Գրեֆի այրուն մանրամասնորեն նկարագրում էր, թե ինչպես է այրվում քաղաքը։ Հետո նա ևս մեկ անգամ բարձրացավ բնակարան և միացրեց ռադիոն, սակայն այժմ ռադիոն լռում էր։ Նույնիսկ չէր լսվում, թե ինչպես էր ճարճատում կրակը ռադիոկենտրոնի այրվող շենքում, իսկ արտակարգ տեղեկությունների մասին ասելու բան էլ չկա։

Վախվորած, ինչպես երեխան, որը չգիտի շարունակի՞ արդյոք հավատալ Ձմեռ Պապին, Մացերատը կանգնել էր նկուղի մեջտեղում, մատներով շոշափում էր իր շալվարակալները, առաջին անգամ կասկածեց վերջնական հաղթանակին և այրի Գրեֆի խորհրդով դարձածալի վրայից հանեց կուսակցական նշանը՝ չնայած նաև չգիտեր, թե որտեղ այժմ այն հարմարեցնի։ Գրեֆուհին հրաժարվեց այն իր հետ վերցնել, Մարիան առաջարկեց նշանը թաքցնել կարտոֆիլի մեջ, սակայն կարտոֆիլը Մացերատին այնքան էլ հուսալի ապաստարան չէր ներկայանում։ Իսկ վերև բարձրանալ նա չհամարձակվեց, որովհետև նրանք շուտով կգան, եթե արդեն չեն եկել, եթե արդեն այս կողմը չեն ուղղվում, մարտեր չեն մղում Բրենտաուի և Օլիվի մոտ։ Մինչ նա պարապ֊սարապ շրջում էր ձեղնահարկում, մեկ կամ երկու անգամ չէ, որ բարձրաձայն ափսոսանք հայտնեց, որ այդ կոնֆետը չէր թողել այնտեղ՝ հակաօդային ավազի մեջ։ Որովհետև եթե նրանք իրեն գտնեն այստեղ՝ ներքևում, այդ կոնֆետը ձեռքում․․․ և նա այն գցեց բետոնին, ցասման պոռթկում պատկերելով՝ ուզում էր ոտքը դնել վրան։ Սակայն մենք երկուսս՝ Կուրտն ու ես, միաժամանակ նետվեցինք նրա ետևից, և ես առաջինը այն խլեցի ու ձեռքիցս բաց չթողեցի, երբ Կուրտը ձեռքը վրա բերեց ու հարվածեց, ինչպես հարվածում էր ամեն անգամ՝ ցանկանալով ինչ֊որ բան ստանալ։ Սակայն ես որդուս չտվեցի կուսակցական նշանը, ես չէի ցանկանում նրան վնաս հասցնել, որովհետև ռուսները՝ ախր նրանք կատակներ չեն սիրում։ Օսկարը դա դեռ իր ռասպուտինյան ընթերցումների ժամանակներից էր հիշում և ողջ ժամանակ, մինչ փոքրիկ Կուրտը դնգստում էր ինձ, իսկ Մարիան փորձում էր մեզ բաժանել, ես ինձ հարց էի տալիս, թե փոքրիկ Կուրտի մոտ հատկապես ով կհայտնաբերի նշանը, եթե Օսկարը չդիմանա որդիական հարվածների տարափին։ Կան բելոռուսները, կամ էլ կազակները, կամ վրացիները, կամ կալմիկները, կամ Ղրիմի թաթարները, կամ ռուսները, կամ ուկրաինացիները, իսկ միգուցե, ընդհանրապես կիրգիզները։

Երբ այրի Գրեֆի օգնությամբ Մարիան մեզ բաժանեց, ես հանդիսավոր ձևով կոնֆետը սեղմեցի ձախ ձեռքիս մեջ։ Մացերատը ուրախացավ, որ իր շքանշանը անհետացավ։ Մարիան առանց այն էլ փոքրիկ Կուրտի հետ շատ հոգսեր ուներ։ Բացված քորոցը խրվեց ափիս մեջ։ Ոչ նախկինում, ոչ այժմ ես այդ իրի մեջ ոչ մի համ չէի գտնում։ Սակայն հենց այդ ժամանակ, երբ ես ուզում էի այն կպցնել Մացերատի պիջակի ետևի մասին, ի վերջո, իմ ինչ գործն է նրա կուսակցությունը, նրանք հայտնվեցին մեր վերևում, կրպակում, իսկ եթե դատելու լինենք կանանց ճչոցից, ապա, շատ հնարավոր է, հարևան նկուղում։

Երբ նրանք բարձրացրեցին բացովի կափարիչը, կուսակցական նշանի ասեղը առաջվա նման խրված էր իմ ափի մեջ։ Դե ինչ կարող էի անել ես, եթե ոչ կուչ գալ Մարիայի դողացող ծնկների մոտ, հետևել բետոնե հատակի վրայի մրջյունների իրարանցմանը, ում գլխավոր ճանապարհը թեքությամբ անցնում էր ձմեռային կարտոֆիլիվ դեպի շաքարով լի պարկը։ Լիովին նորմալ, փոքր֊ինչ խառնածին ռուսներ են, որոշեցի ես, երբ նրանք մոտավորապես վեց հոգով ներխուժեցին նկուղ բերող աստիճանի վրա և սկսեցին իրենց ինքնաձիգների վերևից մեզ զննել։ Բոլոր գոռոցներով ու ճիչերով հանդերձ՝ հանգստացնող դարձավ այն հանգամանքը, որ մրջյունները նվազագույն ուշադրություն անգամ չդարձրին ռուսական բանակի ներկայացուցիչների վրա։ Մրջյունների մտքինը միայն մեկն էր՝ կարտոֆիլ, մեկ էլ շաքար, այն դեպքում, երբ ինքնաձիգներով մարդիկ սկզբում այլ նվաճումների էին ձգտում։ Այն, որ մեծահասակները բարձրացրին ձեռքերը, ես լիովին բնական համարեցի։ Դա մենք կինոխրոնիակյից գիտեինք, բացի այդ, Լեհական փոստատան պաշտպանության ավարտից հետո հանձնումը տեղի էր ունենում ճիշտ նույն ձևով։ Սակայն թե ինչու փոքրիկ Կուրտը որոշեց մեծահասակներին նմանվել, ես չեմ կարողանում հասկանալ։

Ճիշտ կլիներ, որ նա օրինակ վերցներ ինձանից՝ իր հորից, իսկ եթե նույնիսկ ոչ հորից, ապա ծայրահեղ դեպքում գոնե մրջյուններից։ Սակայն քանի որ անմիջապես երեք դանդաղաշարժ համազգեստավորներ բռնվեցին այրի Գրեֆի հանդեպ հետաքրքրությամբ, հասարակությունը փոքր֊ինչ հանգստացավ։ Գրեֆուհին, որն այդքան տարիներ մնալուց և դրան նախորդած ապաշխարհումից հետո նման սաստիկ ճնշման հավանաբար չէր սպասում, սկզբում, ճիշտ է, անսպասելիությունից գոռաց, սակայն հետո լիովին ընտելացավ իր գրեթե մոռացված վիճակին։

Ես Ռասպուտինի մոտ նաև կարդացել էի, որ ռուսները սիրում են երեխաներին։ Մեր նկուղում ես կարող էի դրանում համոզվել։ Մարիան առանց որևիցե պատճառի դողում էր և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու մնացած չորսը, որոնք չհետաքրքրվեցին տիկին Գրեֆով, թույլ տվեցին, որ Կուրտը նստած մնա իր ծնկներին։ Եվ ոչ թե անձամբ իրենք հերթով բույն դրեցին այնտեղ և հետո, ինչո՞ւ էին նրանք Կուրտին շոյում, նրան ասում «այո֊այո֊այո» և նույնիսկ փաղաքշանքով թփթփացրին Մարիայի այտին։

Իսկ ինչ֊որ մեկը ինձ ու իմ թմբուկը բարձրացրեց բետոնի վրայից ու գրկեց՝ դրանով իսկ խանգարելով ինձ շարունակելու հետևել մրջյուններին և նրանց ջերմեռանդությամբ հավատալու ընթացիկ իրադարձություններին։

Թմբուկը կախված էր փորիս վրա, և մի կարճահասակ կոպիտ կառուցվածք իր հաստ մատներով մի քանի տակտ, մեծահասակի համար նույնիսկ շատ գեղարվեստորեն, թմբկահարեց, որոնց տակ լիովին կարելի էր պարել։ Օսկարը մեծ հաճույքով ծառայությունը կհատուցեր ծառայությամբ, թիթեղի վրա իր մի քանի գլուխգործոցները կպատկերեր, սակայն չէր կարող, որովհետև Մացերատի նշանը առաջվա նման խրված էր նրա ձախ ափի մեջ։

Կարելի է ասել, որ նկուղում հանգիստ, գրեթե ընտանեկան իրավիճակ էր հաստատվել։ Գրեֆուհին, ավելի ու ավելի լուռ դառնալով, պառկել էր մեկը մյուսին փոխարինող երեք տղաների տակ, և երբ նրանցից մեկը կշտացավ, շնորհալի թմբկահարը Օսկարին փոխանցեց այն մեկին, որը քրտնել էր և փոքր֊ինչ շեղ աչքեր ուներ։ Ընդունենք, որ նա կալմիկ էր։ Ինձ ձախ ձեռքով գրկած՝ աջով կալմիկը կոճկում էր շալվարը՝ ամենևին չշփոթվելով այն բանից, որ իր նախորդը անում էր ճիշտ հակառակը։ Իսկ ահա Մացերատի համար այդպես էլ ոչինչ չէր փոխվում։ Նա առաջվա պես կանգնած էր սպիտկ, լայպցիգյան մսով լի թիթեղյա տուփերի դիմաց, կանգնած էր՝ ձեռքերը բարձրացրած և ի տես էր ցուցադրում իր ափի բոլոր գծերը՝ չնայած ոչ ոք չէր պատրաստվում նրա ձեռքի վրա գուշակություն անել։ Դրա փոխարեն կանայք զարմանալի հնարամտություն էին ցուցաբերում։ Մարիան արդեն մի քանի ռուսերեն բառեր էր որսացել, նրա ծնկները այլևս չէին դողում, նա նույնիսկ սկսել էր ժպտալ և լիովին կարող էր ինչ֊որ բան ներկայացնել իր շրթհարմոնով, եթե այն նրա ձեռքի տակ լիներ։

Իսկ ահա Օսկարը, որը չէր կարողանում այդքան արագ հարմարվել, այժմ, որպեսզի մրջյուններին հետևելը ինչ֊որ բանով փոխարիներ, սկսեց զննել բազմաթիվ տափակ մոխրաշագանակագույն գազանիկներին, որոնք արածում էին կալմիկի օձիքի վրա։ Ես հաճույքով մի այդպիսի ոջիլ կորսայի ու կուսումնասիրեի, որովհետև նաև իմ գրքերում, ոչ այնքան Գյոթեի մոտ, որքան, և այն էլ հաճախ, Ռասպուտինի, խոսքը հատկապես ոջիլների մասին էր գնում։ Սակայն ինձ համար դժվար էր մեկ ձեռքով բռնել ոջիլին և այդ իսկ պատճառով ես նպատակադրվեցի ազատվել կուսակցական նշանից։ Օսկարը ասաց՝ քանի որ կալմիկի կրծքի վրա առանց այն էլ շատ շքանշաններ կան, ես էլի նույն ձևով, ձեռքս չբացելով, ծակող, մի ոջիլ բռնելուն խանգարող կոնֆետը մեկնեցի իմ կողքին կանգնած Մացերատին։

Այժմ ետին թվով կարելի է ասել, որ ես դա չպետք է անեի։ Սակայն կարելի էր նաև այլ կերպ ասել․ իսկ այդ դեպքում ինչո՞ւ Մացերատը նշանը վերցրեց։

Ախր նա վերցրեց։ Իսկ ես կոնֆետից ազատվեցի։ Վախը աստիճանաբար տիրեց Մացերատին, հենց որ նա մատների արանքում զգաց իր կուսակցական նշանը։ Ձեռքերս ազատելով, ես այլևս չհետաքրքրվեցի, թե ինչպես է Մացերատը վարվում իր կոնֆետի հետ։ Չափից դուրս շեղված, որպեսզի հանգիստ հետևեի ոջիլներին, Օսկարը որոշեց ևս մեկ անգամ կենտրոնանալ մրջյունների վրա, սակայն այնուամենայնիվ աչքի պոչով նկատեց Մացերատի ձեռքի արագ շարժումը և, քանի որ նա այժմ չի կարող վերհիշել, թե ինչ մտածեց այն ժամանակ, այսպես է ասում՝ առավել խելամիտ կլիներ այդ խայտաբղետ կլոր մետաղը սեղմած ափի մեջ թողնել։

Սակայն Մացերատը ուզում էր կլոր մետաղից ազատվել, և չնայած այդքան հաճախ դրսևորված իր հարուստ երևակայությանը՝ խոհարարի և ցուցափեղկ զարդարողի երևակայութմանը, նա ավելի խելացի ոչինչ չգտավ, քան այն իր բերանը մտնցելը։

Ախ, որքան կարևոր կարող է լինել ձեռքի հպանցիկ շարժումը։ Ուղղակի ձեռքից բերան՝ դա լիովին բավարար եղավ․ երկու Իվանները, որոնք նստած էին Մացերատից ձախ և աջ, հանկարծ անհանգստացած իրար անցան և վեր թռան գորշ֊կանաչավուն ներքնակի վրայից և ինքնաձիգներով հայտնվեցին ուղիղ Մացերատի փորի դիամաց, ընդ որում, յուրաքանչյուրը կարող էր տեսնել, թե ինչպես է Մացերատը ջանում ինչ֊որ բան կուլ տալ։

Ախ, եթե նա գոնե ժամանակին հասցներ երեք մատներով փակել նշանի քորոցը։ Այժմ նա խեղդվում էր դժվարամարս կոնֆետով, դարձավ մուգ կարմիր, նրա աչքերը դուրս թռան ուղեծրերից, նա հազում էր, լաց լինում, ծիծաղում և այդ ամենը միանգամից դրսևորելու ժամանակ ոչ մի կերպ չէր կարողանում ձեռքերը վերև պարզած վիճակում պահել։ Իսկ այդ մեկը արդեն Իվանները թույլ տալ չէին ցանկանում։ Նրանք գոռացին, նրանք պահանջեցին, որպեսզի նա իրենց ներկայացնի իր ափերը, սակայն Մացերատը ամբողջապես ու լիովին զբաղված էր իր շնչառական օրգաններով։ Այժմ նա չէր կարողանում ինչպես հարկն է հազալ, դրա փոխարեն սկսեց թռչկոտել ու վայրենաբար թափ տալ ձեռքերը, թափ տալով դարակի վրայից մի քանի տուփ լայպցիգյան մսի պահածո սրբեց ցած, իսկ արդյունքում իմ կալմիկը, որը մինչ այդ իր շեղ աչքերով միանգամայն հանգիստ հետևում էր տեղի ունեցողին, ինձ ձեռքերից իջեցրեց, իր ետևում փնտրեց, ինչ֊որ մի բան բերեց հորիզոնական վիճակի և իր ծնկի մասից մի ողջ փամփուշտատուփ կրակեց, ավելի շուտ, քան Մացերատը հասցրեց խեղդվել։

Ինչ ասես, որ չես անի ճակատագրական ակնթարթին։ Մինչ իմ ենթադրյալ հայրը կուլ տվեց իր կուսակցությունը և մահացավ, ես ինքս դա չնկատեցի ու չկամենալով՝ մատներիս արանքում ճզմեցի անիծին, որը դրանից քիչ առաջ որսացել էի կալմիկի վրայից։ Մացերատը լայնակի ընկավ ուղիղ մրջյունների արահետի վրա։ Իվանները կրպակ տանող աստիճաններով լքեցին նկուղը՝ իրենց հետ մի քանի տոպրակ մեղր տանելով։ Վերջինը հեռանում էր իմ կալմիկը, սակայն նա մեղր չվերցրեց, որովհետև այդ ժամանակ վերալիցքավորում էր ինքնաձիգը։ Այրի Գրեֆը ամբողջապես իր շուրջը ոլորված ոտքերը չռած պառկել էր մարգարինների արկղերի միջև, Մարիան այնքան ամուր էր սեղմել փոքրիկ Կուրտին, որ կարծես մտադրվել էր ճզմել նրան։ Իսկ իմ գլխից դուրս չէր գալիս մի բարդ կառուցվածք, որը ես ընթերցել էի Գյոթեի մոտ։ Մրջյունները նկատեցին, որ իրավիճակը փոխվել է, սակայն չվախեցան զարտուղի ճանապարհներից ու կծկված Մացերատի շուրջը նոր մայրուղի բացեցին, քանզի շաքարավազը, որը դուրս էր թափվում պառկած պարկից, քաղցրությունը չպակասեցրեց այն բանից, որ մարշալ Ռոկոսովսկու բանակը գրավեց Դանցիգ քաղաքը։


Պե՞տք է, թե՞ պետք չի

Առաջինը եկան ռուգերը, նրանց ետևից գոթերը և գեպիդները, ետևից կաշուբցիները, որոնցից էլ ուղիղ գծով առաջացել է Օսկարը։ Այնուհետև լեհերը ուղարկեցին Ադալբերտ Պրագացուն։ Վերջինս եկավ խաչով, սակայն կամ այն է կաշուբցիները, կամ այն է պրուսները կացնով կտրեցին նրա գլուխը։ Դա տեղի ունեցավ ձկնորսական գյուղակում, իսկ գյուղակն այդ անվանվում էր Գիդանիչ։ Մարդիկ Գիդանիչը վերածեցին Դանչիկի, Դանչիկից դարձավ Դանտցիգ, իսկ այժմ Դանցիգը կոչվում է Գդանսկ։

Սակայն մինչ մարդիկ հասան այդ գրությանը, կաշուբներից հետո Գիդանիչում հայտնվեցին Պոմերելայի դուքսերը։ Նրանք այսպիսի անուններ էին կրում․ Սուբիսլավ, Սամբոր, Մեստվին և Ավյատոպոլկ։ Գյուղակը վերածվեց ավանի։ Այնուհետև եկան վայրի Պրուսները և փոքր֊ինչ այն ավերեցին։ Այնուհետև նաև Բոլեսլավ Լեհացին չկարողացավ իրեն զրկել մի փոքր ավերելու հաճույքից, հետո միաբանական եղբայրությունը հոգ տարավ այն մասին, որպեսզի ավերումների նոր վերացված հետքերը կրկին պարզորոշ հայտնվեն ասպետական սրերի հարվածների ներքո։

Ահա այսպես․ ավերիչ վերականգնողական պատերազմ մղելով, Պոմերանիայի դուքսերն ու միաբանական եղբայրության գրոսմայստերները, Լեհաստանի թագավորներն ու հակաթագավորները, Բրանդերբուրգյան կոմսերն ու Վլացլավյան եպիսկոպոսները մի քանի հարյուրամյակ շարունակ փոխարինեցին մեկը մյուսին։ Շինարարներին ու ավերողներին անվանում էի Օտտո ու Վոլդեմար, Բոգուշա, Հայնրիխ ֆոն Պլոցկե և Դիտրիխ ֆոն Ալտենբերգ, որը իր ասպետական ամրոցը կառուցեց ճիշտ այն նույն տեղում, որտեղ քսաներորդ դարում Հևելիուսպլացում պաշտպանվում էր Լեհական փոստատունը։

Եկան հուսիտները, ինչ֊որ բան այստեղ արեցին ու հեռացան։ Այնուհետև քաղաքից վռնդեցին ասպետական միաբանությանը, քանդեցին ամրոցը՝ չցանկանալով քաղաքի մեջտեղում ամրոց ունենալ, դարձան լեհեր և իրենց վատ չէին զգում։ Թագավորը, որը կարողացավ դրան հասնել, Կազիմիր անունն էր կրում, կոչվում էր Մեծ և հանդիսանում էր Վլադիսլավ Առաջինի որդին։ Հետո արդեն եկավ Լյուդվիգը, իսկ Լյուդվիգի ետևից եկավ Յադվիգան։ Յադվիգան ամուսնացավ Յագայլո Լիտվացու հետ, և սկսվեց Յագելոնների դարաշրջանը։ Վրլադիսլավ Երկրորդին հետևեց Վլադիսլավ Երրորդը, հետո հանկարծ էլի մի Կազիմիր, որն այնքան էլ չէր ցանկանում կառավարել, սակայն, այնուամենայնիվ, նա ամբողջ տասներեք տարի միանգամայն բարեհաջող պատերազմի ու միաբանության համար ֆուկ էր վերցնում վաճառականների բարի փողերը։ Ի տարբերություն նրա, Յոհան Ալբրեխտը մեծ գործ ուներ թուրքերի հետ։ Ալեքսանդրին հետևեց Սիգիզմունդ Ծերը, նույն ինքը Ժիգմոնտ Ծերը։ Սիգիզմունդ Օգոստոսին նվիրված պատմական գրքի գլխին հետևում է գլուխը հենց այն Ստեֆան Բատորիայի մասին, որի պատվին լեհերը սիրում են կոչել իրենց օվկիանոսային խոշոր նավերը։ Բատորիան երկար ժամանակ պաշարեց ու գնդակոծեց քաղաքը, ինչպես կարելի էր իմանալ գրքերից, սակայն այն չկարողացավ գրավել։ Այնուհետև եկան շվեդները և իրենց նույն ոճով պահեցին։ Ընդ որում, քաղաքի պաշարումն այնքան դուր եկավ նրանց, որ նրանք դա կրկին ու կրկին նախաձեռնեցին։ Այդ նույն ժամանակահատվածում դանցիգյան ծովախորշը հոլանդացիներին, դանիացիներին և անգլիացիներին այնքան դուր եկավ, որ բազմաթիվ արտասահմանցի նավապետների, որոնք խարիսխ գցեցին դանցիգյան խարսխակայանում, հաջողվեց դառնալ ծովային հերոսներ։

Օլիվյան աշխարհ։ Ախ, որքան խաղաղ և որքան գեղեցիկ է դա հնչում։ Հենց այստեղ առաջին անգամ մեծ տերությունները նկատեցին, որ լեհերի երկիրը ուղղակի ստեղծված է բաժանելու համար։ Շվեդները, շվեդները և մեկ անգամ ևս շվեդները՝ այստեղից շվեդական բաստիոնը, շվեդական փունջը, շվեդական պատը։ Հետո հանկարծ վրա տվեցին ռուսներն ու սաքսոնացիները, որովհետև, քաղաքում թաքնեվել էր խեղճ Ստանիսլավ Լեշչինսկի արքան։ Եվ ահա մեկ և միակ թագավորի պատճառով գերվեց հազար ութ հարյուր տուն, իսկ երբ խեղճ Ստանիսլավը փախավ Ֆրանսիա, քանի որ այնտեղ էր ապրում նրա փեսա Լյուդովիկոսը, քաղքացիները ստիպված էին մի ամբողջ միլիոն փող տալ։

Դրանից հետո Լեհաստանը բաժանեցին երեք անգամ։ Եկան պրուսականները՝ չնայած նրանց ոչ ոք չէր կանչել, և քաղաքային բոլոր դարպասների վրա լեհական արծիվը փոխարինեցին թռչունով։ Հազիվ հասցրեց դպրոցական ուսուցիչ Յոհան Ֆալկը հորինել ամանորյա «Օ դու, չքնաղ․․․» երգը, երբ վրա տվին ֆրանսիացիները։ Նապոլեոնյան գեներալին անվանում էին Ռապպ, ընդ որում՝ ծանր պաշարումից հետո հենց նրան էին Դանցիգի բյուրգերները ստիպված հատկացրել քսան միլիոն ֆրանկ։ Պետք չէ թերևս կասկածել, որ Դանցիգի կյանքում ֆրանսիական ժամանակաշրջանը սարսափելի ժամանակաշրջան էր։ Բարեբախտաբար, նա ընդամենը յոթ տարի շարունակվեց։ Այս ժամանակ շնորհ բերեցին ռուսներն ու պրուսականները և ռումբերով այրեցին Շպայխերինզելը։ Ազատ քաղաքը, որ Նապոլեոնն էր ստեղծել, վերացավ, իսկ պրուսականների համար կրկին քաղաքի բոլոր դարպասների վրա իրենց թռչունը կպցնելու հնարավորություն ստեղծվեց, ինչով էլ նրանք զբաղվում էին մեծ ջանասիրությամբ։ Եվ իրենց պրուսական ոճով սկզբում քաղաքի մեջ տեղավորեցին գրենադական չորրորդ գունդը, առաջին հրետանային բրիգադը, առաջին սակրավորական գումարտակը և առաջին լեյբ֊հուսարական գունդը։ Իսկ երեսուներորդ հրետանային գունդը, տասնութերորդ հրետանային գունդը, երրորդ գվարդիական հետևակային գունդը, քառասունչորսերորդ հետևակային գունդը և երեսուներեքերորդ հրաձգային գունդը քաղաքում չմնացին։ Դրա փոխարեն հանրահայտ հետևակայինի համար հարյուր քսանութերորդ գունդը քաղաքում պարապ֊սարապ մնաց մինչև 1920 թիվը։ Ոչինչ բաց չթողնելու համար անհրաժեշտ է նաև ավելացնել, որ պրուսացիների ժամանակ առաջին հրետանային բրիգադը մեծացվեց և վերակազմավորվեց առաջին ամրոցային պարետատան և երկրորդ հետևակահրետանային գումարտակի, որը արևելապրուսական հրետանային գնդի կազմում համար Առաջինն էր։ Դրան գումարենք նաև պոմերանյան համար երկու հետևակահրետանային գունդը, որը հետագայում փոխարինվեց համար տասնվեց արևմտապրուսական հետևակահրետանային գնդով։ Առաջին լեյբ֊հուսարական գնդին հետևեց երկրորդ լեյբ֊հուսարական գունդը։ Իսկ ահա ութերորդ հեծելազորային գունդը քաղաքի սահմաններում շատ կարճ ժամանակ մնաց։ Դրա փոխարեն այդ սահմաններից դուրս, Լանգֆուր անունը կրող արվարձանում, բնակավորվեց արևմտապրուսական համար տասնյոթ գումարտակը։

Բրուկհարդի, Ռաուշնինգի և Գրայզերի ժամանակներում Ազատ քաղաքում միայն կանաչ ոստիկանություն կար։ Սակայն Ֆորսթերի օրոք՝ երեսունիննին, իրավիճակը փոխվեց։ Բոլոր աղյուսե զորանոցները կրկին լցվեցին ուրախ ծիծաղող համազգեստավոր մարդկանցով, իսկ այդ մարդիկ ձեռնածություն էին անում զենքերի տարբեր տեսակներով։ Այժմ կարելի է թվարկել, թե ինչպես էին անվանում բոլոր այն զորամիավորումները, որոնք երեսունիննից մինչև քառասունհինգը տեղակայված էին Դանցիգում և արվարձաններում կամ հենց այնտեղից բարձրանում էին նավերի վրա, որպեսզի շարժվեն դեպի Հյուսիսային ափերը, սակայն Օսկարը մտադիր է բաց թողնել այդ մանրամասները, նա պարզապես կասի՝ իսկ հետո, ինչպես մեզ արդեն հայտնի է, եկավ մարշալ Ռոկոսովսկին։ Քաղաքը անվնաս տեսնելով՝ նա վերհիշեց իր մեծ, իր միջազգային նախակարապետների մասին և սկզբի համար հրետանու օգնությամբ այրեց այն ամենը, ինչը կարող էր այրվել, որպեսզի նրանք, ովքեր կգան ետևից, իրենց հերթին ուժերը չխնայեն քաղաքը վերականգնելիս։ Որքան էլ տարօրինակ է, այս անգամ ռուսների ետևից չեկան ո՛չ պրուսականները, ո՛չ շվեդները, ո՛չ սաքսոնացիները, ո՛չ ֆրանսիացիները․ եկան լեհերը։

Իրենց ողջ մեծ վշտով լեհերը հորդացին Վիլնյուսից, Բելոստոկից և Լվովից ու սկսեցին իրենց համար տներ ընտրել։ Մեզ մոտ հայտնվեց ոմն պարոն, ներկայացավ որպես Ֆայնգոլդ, նա բացարձակապես միայնակ էր, սակայն իրեն այնպես էր պահում, կարծես իրեն բազմանդամ ընտանիք է շրջապատում, որին ինքը պետք է ցուցում տա։ Պարոն Ֆայնգոլդը անմիջապես իր վրա վերցրեց գաղությային ապրանքների կրպակը, իր կնոջը՝ Լյուբային, որն առաջվա նման անտեսանելի էր մնում և պատասխաններ չէր տալիս, ցույց տվեց տասնորդական կշեռքը, կերոսինով բաքը, պղնձե լայնադիր ձողը, որով երշիկներ էին կախում, դատարկ դրամարկղը և, մեծագույն հաճույքով, նկուղի պահուստները։ Իսկ Մարիան, որին առանց տատանվելու վարձեց որպես վաճառողուհի և շատախոսությամբ ներկայացրեց իր երևակայական կնոջը՝ Լյուբային, իր հերթին Ֆայնգոլդին ներկայացրեց մեր Մացերատին, որն արդեն երրորդ օրն է, ինչ պառկած էր նկուղում՝ բրեզենտի տակ։ Որովհետև բազմաթիվ ռուսների պատճառով, որոնք լցվել էին բոլոր փողոցները, ստուգում էին հեծանիվների, կարի մեքենաների ու կանանց որակը, մինչ օրս նրան չէինք կարողացել թաղել։ Տեսնելով Մացերատի մարմինը, որին մենք շրջել էինք մեջքի վրա, պարոն Ֆայնգոլդը այնքան արտահայտիչ ձեռքերը գլխավերևում զարկեց իրար, ինչպես Օսկարը կարող էր շատ տարիներ առաջ բազմաթիվ անգամ տեսնել իր խաղալիքներ վաճառողի, Սիգիզմունդ Մարկուսի մոտ։ Պարոն Ֆայնգոլդը նկուղ կանչեց իր ողջ ընտանիքին, այլ ոչ թե միայն կնոջը՝ Լյուբային և, անկասկած, տեսավ, թե ինչպես նրանք բոլորը շտապեցին դեպի կանչը, քանզի նա նրանցից յուրաքանչյուրին դիմում էր անունով, ասում՝ Լյուբա, Լև, Յակոբ, Բերեկ, Լևոն, Մանդել և Սոնյա, ողջ ընտանիքին հասկացրեց, թե ով է պառկած այնտեղմ թե դա ով է մահացել։ Դրանից անմիջապես հետո բացատրեց, սակայն այժմ արդեն մեզ, որ բոլորը, ում նա կանչեց նկուղ, հենց այդ ձևով էին պառկած, նախքան Տրեբլինկայի վառարաններն ընկնելը, և ոչ միայն նրանք, այլև իր հարսը և հարսի փեսան, որը հինգ փոքրիկ երեխա ուներ, և ահա նրանք բոլորը պառկած էին, միայն նա՝ պարոն Ֆայնգոլդը պառկած չէր, որովհետև պետք է ամենի վրա քլոր ցաներ։

Իսկ հետո նա մեզ օգնեց Մացերատին աստիճաններով վեր տեղափոխել կրպակ, ինչից հետո շուրջը հավաքեց իր ողջ ընտանիքը, իսկ կնոջը՝ Լյուբային, խնդրեց մարմինը լվանալիս Մարիային օգնել։ Սակայն Լյուբան չօգնեց, ինչը պարոն Ֆայնգոլդը չնկատեց, քանի որ պահուստները նկուղից կրպակ էին տեղափոխում։ Եվ Գրեֆուհին, որը ժամանակին լողացրեց Տրուչինսկի մայրիկին, նույնպես չեկավ մեզ օգնելու, որովհետև նրա բնակարանը պռնկեպռունկ լցված էր ռուսներով, և մենք լսում էինք, թե ինչպես են նրանք երգում։

Ծերունի Հայլնադը, որը օկուպացիայի արդեն առաջին օրերին կոշկակարի աշխատանք էր գտել և ներբաններ էր գցում ռուսական ճտքավորների տակ, որոնք հարձակման ընթացքում մաշվել էին, սկզբում հրաժարվեց կատարել դագաղագործի աշխատանքը։ Սակայն երբ նրա հետ բանակցությունների մեջ մտավ պարոն Ֆայնգոլդը և Հայլանդի արհեստանոցի էլեկտրաշարժիչի դիմաց մեկի կրպակից «Դերբի» սիգարետներ առաջարկեց, նա մի կողմ դրեց ճտքավորները, ձեռքը այլ գործիքներ և իր մոտ մնացած վերջին տախտակները վերցրեց։

Այն ժամանակ մենք ապրում էինք, նախքան մեզ այնտեղից հանեցին դուրս և պարոն Ֆայնգոլդը մեր տնօրինությանը հանձնեց նկուղը, Տրուչինսկի մայրիկի բնակարանում, որը մինչ այդ մաքրել էին հարևաններն ու եկվոր լեհերը։ Ծերունի Հայլանդը ծխնուց հանեց խոհանոցի դուռը, քանի որ հյուրասենյակի ու ննջասենյակի մեջտեղի դուռը արդեն օգտագործվել է Տրուչինսկի մայրիկի դագաղի վրա։ Ներքևում՝ բակում, նա «Դերբի» սիգարետներ էր ծխում և դագաղ էր պատրաստում։ Իսկ մենք մնացինք վերևում, և ես վերցրեցի բնակարանում մնացած միակ աթոռը, բացեցի կոտրված պատուհանները և զայրացա դագաղ պատրաստող ծերունու վրա, որը չէր էլ մտածում այն մասին, որ դագաղին պատշաճ է ոտքերի մասում նեղանալ։ Օսկարը Մացերատին այդպես էլ այլևս չտեսավ, քանզի երբ դագաղը բարձեցին այրի Գրեֆի ձեռնասայլակի վրա, այն արդեն վերևից մեխված էր «Վիտելլո» մարգարինի արկղերի շրիշակներով՝ չնայած կենդանության օրոք Մացերատը ոչ միայն մարգարին չէր ուտում, այլ նույնիսկ ճաշելիս չէր օգտագործում։

Մարիան պարոն Ֆայնգոլդին խնդրեց մեզ ուղեկցել, քանի որ վախենում էր փողոցի ռուս զինվորներից։ Իսկ պարոն Ֆայնբերգը, որը թուրքական ձևով նստել էր վաճառասեղանի վրա և փոքրիկ դգալով տոպրակից արհեստական մեղր էր հանում, սկզբում պատասխանեց անվստահորեն՝ վախենալով, որ հանկարծ կինը՝ Լյուբան, չխանդի, սակայն հետո, հավանաբար, մեզ հետ գալու թույլտվություն ստացավ նրանից, որովհետև վաճառասեղանի վրայից իջավ, մեղրը փոխանցեց ինձ։ Իսկ ես իմ հերթին այն փոխանցեցի փոքրիկ Կուրտին, որը տոպրակը մինչև վերջ լպստեց, մինչ պարոն Ֆայնգոլդը թույլ տվեց Մարիային իրեն փոխանցել ճագարի մոխրագույն մորթով երկար, սև վերարկուն։ Նախքան կրպակը փակելը և ոչ մեկի առջև չբացելու՝ իր կնոջը հրաման տալը, նա գլխին դրեց ցիլինդրը, որ նրան փոքր էր և որը ժամանակին ամենատարբեր թաղումների ու հարսանիքների ժամանակ Մացերատն էր գլխին դնում։ Ծերունի Հայլանդը չկամեցավ մինչև Քաղաքային գերեզմանոց ձեռնասայլակը քաշել։ Իբր ինքը դեռ ճտքավորները չի վերանորոգել, պետք է շտապի։ Մաքս֊Հալբե֊պլացում, որտեղ դեռ փլատակներից ծուխ էր բարձրանում։ Նա թեքվեց ձախ, դեպի Բրուգեներվեգ, և ես աղոտ զգացի, որ նա ուղղվում է Զասպեի կողմը։ Ռուսները նստել էին տների առջև, փետրվարյան ժլատ արևի տակ տեսակավորում էին ձեռքի ու գրպանի ժամացույցները, ավազով մաքրում էին արծաթե գդալները, կրծկալները հագցնում էին գլխներին, որպեսզի ականջները տաքացնեն, վարժվում էին հեծանիվներ գեղեցիկ վարելու գործում և նկարներից, գետնին դրվող ժամացույցներից, լոգարաններից, ռադիոընդունիչներից, վերարկուների կախիչներից բարիկադներ կառուցելով, նրանց միջև հեծանիվներով վարժանքներ էին անում։ Լավագույն դեպքում խույս էին տալիս այնպիսի առարկաներից, որպիսիք էին մանկական սայլակները և ջահերը, որոնք ինչ֊որ մեկը դուրս էր նետել պատուհաններից, և իրենց արվեստի համար որպես պարգև ծափահարություններ էին ստանում։ Այն տեղում, որի կողքով անցնում էինք մենք, մի քանի վայրկյանով խաղն ընդհատվում էր։ Զինվորներից մի քանիսը, որոնք համազգեստների վրայից իրենց վրա զոռով կանացի սպիտակեղեն էին քաշել, օգնում էին մեզ հրել ձեռնասայլակը և ձեռքերը մեկնում էին դեպի Մարիան, սակայն պարոն Ֆայնգոլդը, որը խոսում էր ռուսերեն և իր անձը հաստատող փաստաթղթեր ուներ, ետ էր քաշում նրանց։ Կնոջ գլխարկով մի զինվոր մեզ վանդակ նվիրեց, որի մեջ ձողիկի վրա ալիքաձև թութակ էր նստած։ Փոքրիկ Կուրտը, որը թռչկոտելով գալիս էր ձեռնասայլակի ետևից, անմիջապես ցանկացավ պոկել թռչնակի խայտաբղետ փետուրները։ Իսկ Մարիան, որը չհամարձակվեց հրաժարվել նվերից, բարձրացրեց վանդակը, որպեսզի փոքրիկ Կուրտի ձեռքը չհասներ և դրեց իմ մոտ, ձեռնասայլակի վրա։ Համարելով, որ թութակը չափից դուրս խայտաբղետ է՝ Օսկարը վանդակը դրեց մարգարինի մեծացած արկղի վրա, որի մեջ պառկած էր Մացերատը։ Անձամբ ես ոտքերս կախած նստած էի ետևի կողմում և նայում էի պարոն Ֆայնգոլդի դեմքին, իսկ նրա դեմքը կնճռոտ էր, արտահայտությունը՝ մտահոգությունից մինչև սգավոր, ինչի պատճառով թվում էր, թե պարոն Ֆայնգոլդը ձգտում էր դժվար խնդիր լուծել, ինչը ոչ մի կերպ չէր կարողանում։

Ես թիթեղիս վրա մի քիչ թմբկահարեցի, ես ուրախ էի թմբկահարում՝ ցանկանալով ցրել պարոն Ֆայնգոլդի տխուր մտքերը, սակայն նա պահպանում էր իր բոլոր կնճիռները, հայացքը ուղղել էր անհայտ ուղղությամբ, հնարավոր է, հեռավոր Գալիցիա, իսկ իմ թմբուկը նա այդպես էլ չտեսավ։ Եվ այդ ժամանակ Օսկարը հրաժարվեց իր փորձերից, որպեսզի դրանից հետո միայն ձեռնասայլակի անիվներն ու Մարիայի լացը խախտեն լռությունը։

Ինչպիսի մեղմ ձմեռ է, մտածեցի ես, երբ Լանգֆուրդի վերջին տները մնացին ետևում և նույնիսկ ուշադրություն տրամադրեցի թութակին, որը ցից֊ցից էր կանգնեցրել թևերը՝ օդանավակայանի վերևում կախված կեսօրվա արևի տակ։

Օդանավակայանը հսկվում էր, Բրոյզեն տանող ճանապարհը փակել էին։ Ինչ֊որ մի սպա խոսեց պարոն Ֆայնգոլդի հետ, որը խոսակցության ողջ ընթացքում ցիլինդրը պահել էր չռած մատների վրա՝ բացելով քամուց փչվող նոսր բաց շեկոտ մազերը։ Կարծես ստուգման համար կարճ թխկթխկացնելով Մացերատի արկղի վրա և մատով բարկացնելով թութակին՝ սպան մեզ թույլ տվեց անցնել, դրան գումարած, ամենաշատը տասնվեց տարեկան երկու տղա տվեց մեզ, չափից դուրս փոքր գլխարկներով ու չափազանց մեծ ինքնաձիգներով երկու տղա տվեց՝ կամ որպես ուղեկցող, կամ որպես պահակ։ Ծերունի Հայլանդը քաշում էր՝ ոչ մի անգամ ետ չնայելով, դրանից բացի նա հաջողացնում էր ձեռնասայլակը չկանգնեցնելով մեկը մյուսի ետևից սիգարետներ ծխել։ Երկնքում կախված էին ինքնաթիռները, և նրանց շարժիչների սուլոցները շատ հստակ էին լսվում, քանի որ կամ փետրվարի վերջն էր, կամ մարտի սկիզբը։ Միայն արևի առաջ էին մի քանի ամպիկներ լողում՝ աստիճանաբար գույները կորցնելով։ Ռմբակոծիչները թռչում էին դեպի Հելա և թերակղզուց վերադառնում, որովհետև այնտեղ մինչ օրս էլ մաքառում էին երկրորդ բանակի մնացորդները։ Եղանակը և ինքնաթիռների շաչյունները ինձ թախիծով պարուրեցին։ Ավելի թախծոտ և սրտնեղությունն ավելացնող ոչինչ չկա, քան անամպ մարտյան երկինքը, որը լի է ինքնաթիռների մեկ ուժեղ, մեկ խաղաղվող շչոցով։ Դրանից բացի, երկու ռուս զինվորները ճանապարհի ողջ ընթացքում զուր ջանում էին համաքայլ ընթանալ։

Հավանաբար երբ գնում էինք նախ խճաքարի վրայով, իսկ հետո փոս ընկած ասֆալտի, արագ պատրաստված դագաղի տախտակներից մի քանիսը շարժումից թուլացան։ Մենք գնում էինք քամուն հանդիպակաց, բոլոր դեպքերում մահացած Մացերատից ուժեղ հոտ էր գալիս, և Օսկարը ուրախացավ, երբ մենք հասանք Զասպեի գերեզմանատուն։ Չուգունե պարսպի մոտ բարձրանալ այդպես էլ չկարողացանք, որովհետև ճանապարհի լայնությամբ կանգնած էր այրված T-34 տանկը՝ փակելով դեպի գերեզմանատուն տանող ուղիները։ Մյուս տանկերը, դեպի Նոյֆարվասեր ուղղվելով, ստիպված էին այն շրջանցել, նրանք էլ ճանապարհի աջ և ձախ կողմի ավազի մեջ թողել էին իրենց հետքերը, զուգահեռաբար շուռ էին տվել գերեզմանատան պատի մի մասը։ Պարոն Ֆայնգոլդը ծերունի Հայլանդին խնդրեց գնալ ետևից, և նրանք տանկերի թրթուրների ակոսների միջով տարան դագաղը, որը մեջտեղի մասում մի փոքր գոգավորվել էր, հետո, մեծագույն դժվարությամբ, գերեզմանատան պատի փլվածքի միջով և արդեն վերջին ուժերով մինչև գերեզմանաքարերի միջև ընկած հատվածը։ Քարերն ընկած էին մեռելների պես կամ սպառնում էին ընկնել։ Ծերունի Հայլանդը ժլատորեն ծծում էր սիգարետը՝ ծուխը բաց թողնելով դագաղի ոտքերի մոտ։ Ես տանում էի ձողիկի վրա նստած ալիքաձև թութակով վանդակը։ Մարիան իր ետևից երկու բահ էր քաշ տալիս, փոքրիկ Կուրտը տանում էր քլունգը, ավելի ստույգ ասած, այն տարուբերում էր, իսկ գերեզմանատանը, իրեն վտանգի ենթարկելով, սկսեց հարվածել գորշ գրանիտին, մինչև որ Մարիան նրա ձեռքից խլեց քլունգը, որպեսզի, լինելով միանգամայն ուժեղ կին, փորելիս տղամարդկանց օգնի։

Ինչքան լավ է, որ հողը այստեղ ավազոտ է ու սառած չէ, մտածեցի ես, ինչից հետո որոշեցի հյուսիսային պատի մյուս կողմում գտնել Յան Բրոնսկու տեղը։ Կամ դա այստեղ էր, կամ էլ՝ այնտեղ։ Արդեն չէր հաջողվում գտնել ճիշտ տեղը, քանի որ միմյանց փոխարինող տարվա եղանակները ժամանակին դավաճանորեն թարմ սպիտակ ներկը դարձրել էին մոխրագույն և ծեփերը պոկված, ինչպես և Զասպեն շրջապատող բոլոր պատերը։

Ետին պատի ճաղապատված դռնակի միջով ես կրկին վերադարձա գերեզմանատուն, հայացքս բարձրացրի դեպի թեքած բարդիների բարձրունքները և, որպեսզի դատարկ մտքերին ընթացք չտամ, մտածեցի․ «Ահա հիմա նրանք Մացերատին կթաղեն»։ Այնուհետև ես սկսեցի մի ինչ֊որ իմաստ փնտրել և այն գտա նրանում, որ այստեղ՝ մեկ և միևնույն ավազի ճնշող ծանրության տակ, պիտի պառկեն սկատի երկու խաղընկերները՝ Բրոնսկին ու Մացերատը՝ չնայած առանց իմ խեղճ մայրիկի։

Ցանկացած թաղումները անխուսափելիորեն հիշողության մեջ առաջ են բերում ուրիշ թաղումներ։

Ավազոտ հողը հաղթահարելը հեշտ էր, այստեղ առավել հմուտ հող փորողներ էին պետք։ Մարիան ծանր շնչելով ընդմիջում չտվեց, հենվեց իր քլունգին և կրկին լաց եղավ, երբ տեսավ, թե ինչպես է փոքրիկ Կուրտը հեռու տարածությունից քարերով հարվածում վանդակի միջի թութակին։ Փոքրիկ Կուրտը չէր կարողանում դիպչել, նա ավելի հեռու էր նետում, քան հարկն էր։ Մարիան լալիս էր անկեղծորեն և բարձրաձայն, որովհետև կորցրել էր Մացերատին, որովհետև Մացերատին տեսնում էր այնպիսին, ինչպիսին նա, իմ կարծիքով, հազիվ թե լիներ, իսկ նրա համար այդ հիշողությունը ընդմիշտ կմնա պարզորոշ և թանկագին։ Պարոն Ֆայնգոլդը սփոփանքի խոսքեր էր փնթփնթում, որպեսզի, առիթից օգտվելով, հանգստանա, որովհետև ուժասպառ էր եղել։ Իսկ ծերունի Հայլանդը իրեն պահում էր ոսկի որոնողի պես՝ շատ համաչափ էր աշխատում իր բահով՝ հողը նետելով ուսի վրայով ետ, և հետն էլ դեռ հաջողացնում էր ծուխ բաց թողնել։ Քիչ այն կողմ երկու ռուս պատանիներ նստել էին՝ քամու դիմաց։ Գումարենք դրան ինքնաթիռները և արևը, որն ավելի ու ավելի էր բոսորով լցվում։

Նրանք մոտ մեկ մետր խորացել էին, իսկ Օսկարը էլի նույն կերպ պարապ և մոլորված կանգնած էր հին գրանիտի, կորացած սոսիների միջև, Մացերատի այրու և փոքրիկ Կուրտի միջև, որը քար էր շպրտում թութակի վրա։

Պետք է՞, թե՞ պետք չէ։ Եվ այսպես, Օսկար, դու արդեն մտել ես քսանմեկի մեջ։ Պետք է՞, թե՞ պետք չէ։ Դու որբ ես։ Ուրեմն, պետք է։ Այն ժամանակվանից, ինչ քո խեղճ մայրիկը այլևս աշխարհում չէ, դու որբ ես կիսով չափ։ Դու դեռ այն ժամանակ պետք է որոշում կայացնեիր։ Հետո նրանք ոչ մեծ խորության մեջ թաղեցին քո ենթադրյալ հայր Յան Բրոնսկուն։ Եվ դու դարձար ենթադրյալ երկկողմանի որբ և կանգնեցիր այստեղ՝ այս ավազի վրա, որի անունը Զասպե է, և ձեռքերիդ մեջ էիր բռնել կանաչ գույն ստացած փամփուշտի պարկուճը։ Անձրև էր գալիս, և «Յունկերս-52»֊ը սկսում էր վայրէջքը։ Այդ ժամանակ չէ՞ր, որ չնայած անձրևի թեթև աղմուկի միջով, չնայած վայրէջք կատարող տրանսպորտային ինքնաթիռի շաչյունի միջով պարզորոշ լսվեց «Պետք է՞, թե՞ պետք չէ»։ Դու քեզ ասում էիր․ դա ընդամենը անձրևի աղմուկ է և ընդամենը շարժիչների շաչյուն, այդ միապաղաղ ձայները լսելիս ցանկացած տեքստ կարելի է պատկերացնել։ Դու ցանկանում էիր դա լսել պարզորոշ ձևով, այլ ոչ միայն որպես կռահում։

Եվ այսպես, պե՞տք է, թե պետք չէ։ Ահա նրանք փոս են պատրաստում Մացերատի համար՝ քո ենթադրյալ հոր համար։ Որքան որ քեզ հայտնի է, դու այլևս ենթադրյալ հայրեր չունես։ Հանուն ինչի ես, ուրեմն, անընդհատ ձեռնածություն անում ու ձեռնածություն անում «պետք է» և «պետք չէ»֊ի միջև։ Էլ ո՞ւմ ես դու մտադիր հարցնել։ Միգուցե կորացած սոսիներին, որոնք իրենք են հարցականի տակ։

Այդ ժամանակ ես կիսամաշված ոլորագծերով և ժանգոտված տառերով բարակ ձուլած խաչ գտա՝ կամ այն է՝ Մաթիլդա Կունկել, կամ այն է՝ Մաթիլդա Ռունգել։ Ես գտա նաև պետք է, թե պետք չէ, ավազի մեջ կոծոծի ու ավազուտային եղեգնի միջև պետք է, երեք կամ չորս, պետք չէ մոտավորապես ափսեի մեծության ժանգոտված փշրվող մետաղական ծաղկեպսակներ, որոնք ժամանակին, պետք է, հնարավոր է, որ կաղնու կամ դափնու տերևներ էին պատկերում։ Իսկ միգուցե, այնուամենայնիվ, պետք չէ՝ դրանք ձեռքիս մեջ օրորեցի, իսկ հանկարծ ու պետք է՝ նշան բռնեցի, պետք է՝ խաչի ծայրը կամ պետք չէ՝ ուներ, պետք է՝ մոտ չորս սանտիմետր երկարություն։ Ոչ, ես ինքս ինձ մտովի չափեցի երկու մետր հեռավորություն՝ պետք է և նետեցի՝ պետք չէ, կողքը, պե՞տք է արդյոք, երկաթյա խաչը չափից դուրս թեք էր թաղված, պետք է, Մաթիլդա Կունկել, չնայած, միգուցե Ռունկել՝ պետք է, գցեցի խաչի վրա, պետք է, Մաթիլդան պսակով, պետք է, դափնիներ ֆրոլյեն Կունկելի համար, պե՞տք է, հարցրեցի ես երիտասարդ ֆրաու Ռունկելին՝ այո, պատասխանում է Մաթիլդան։ Նա երիտասարդ հասակում էր մահացել, քսանյոթ տարեկանում, իսկ ծնվել էր վաթսունութին։ Իսկ իմ քսանմեկ տարին էր լրանում, երբ յոթերորդ փորձից նետումը հաջողվեց, ինչ֊որ ժամանակ այդ «պետք է, պետք չէ»֊ն ես պարզեցնելով դարձրեցի ապացուցված, ավարտված, նպատակասլաց, հաղթանակ տարած «պետք է»։

Եվ երբ Օսկարը նոր «պետք է»֊ն լեզվին և «պետք է»֊ն սրտում շտապեց գերեզմանափորի մոտ, թութակը իր դեղնաերկնագույն փետուրները թողնելով, բարձր գոռաց, որովհետև փոքրիկ Կուրտը դիպել էր նրան։ Ես հարցնում էի ինձ, թե որ հարցի շուրջն էր գլուխ կոտրում իմ որդին, որ հարցը նրան ստիպեց ալիքաձև թութակի վրա այդքան երկար ժամանակ քարեր շպրտել, մինչև որ վերջին նետումը պատասպան տվեց։

Նրանք դագաղը հրելով, մոտեցնում էին մոտավորապես մետր ու քսան խորություն ունեցող փոսին։ Ծերունի Հայլանդը շատ էր շտապում, սակայն ստիպված էր սպասել, որովհետև Մարիան կաթոլիկական աղոթք էր անում, իսկ պարոն Ֆայնգոլդը ցիլինդրը պահել էր իր կրծքի դիմաց ու հայացքն ուղղել դեպի Գալիցիա։ Ահա և փոքրիկ Կուրտը մոտ եկավ։ Հնարավոր է, որ հաջող նետումից հետո նա ինչ֊որ որոշում ընդունեց և այժմ այս կամ այն պատճառներով, սակայն նույնչափ վճռական, որքան և Օսկարը, մոտենում էր գերեզմանին։

Անորոշությունը տանջում էր ինձ։ Արդյոք իմ տղան այժմ հօգուտ ինչ֊որ բանի՞, թե՞ ինչ֊որ բանին ընդդեմ որոշում ընդունեց։ Որոշում ընդունե՞ց նա, արդյոք, այսուհետ ի դեմս ինձ ճանաչել ու սիրել միակ հորը։ Թե՞ հենց հիմա որոշեց, որ թերևս թիթեղյա թմբուկի համար ժամանակը ձեռքից բաց է թողել։ Թե՞ այդ որոշումը նշանակում էր՝ մահ իմ ենթադրայլ հայր Օսկարին, որն իմ ենթադրյալ հայր Մացերատին կուսակցական նշանով սպանեց միայն այն պատճառով, որ այլևս ոչ մի հայր էլ չէր ուզում։ Իսկ միգուցե նա չկարողացավ արտահայտել մանկական սերը, որպիսին ցանկալի է հայրերի և որդիների միջև։

Այն ժամանակ, երբ ծերունի Հայլանդը Մացերատով դագաղը՝ Մացերատի շնչափողի միջի կուսակցական նշանի հետ միասին և ռուսական ինքնաձիգի ողջ լիցքը Մացերատի փորի մեջ, ավելի շուտ հրեց, գցեց, քան իջեցրեց գերեզման, Օսկարը խոստովանեց իրեն, որ դիտավորյալ սպանեց Մացերատին, քանզի վերջինս, դատելով ամեն ինչից, ոչ միայն իր՝ Օսկարի, ենթադրյալ հայրն էր, այլևս իսկականը, քանզի նա՝ Օսկարը, զզվել էր ողջ կյանքում իր ետևից ինչ֊որ հայր քարշ տալուց։

Եվ ճիշտ չէ, որ նշանի վրայի քորոցը արդեն բացված էր, երբ ես այդ կոնֆետը վերցրեցի բետոնե հատակից։ Այն բացվեց միայն իմ սեղմված ափի մեջ։ Եվ ես այդ անհարմար, ծակող կոնֆետը փոխանցեցի Մացերատին, որպեսզի նրանք շքանշան գտնեին նրա մոտ, որպեսզի նա կուսակցությունը դներ իր լեզվի վրա, որպեսզի նա խեղդվեր կուսակցությունով, ինձնով, իմ որդիով, քանզի ժամանակն էր վերջ տալ դրան։

Ծերունի Հայլանդը սկսեց հողը լցնել գերեզմանի մեջ։ Փոքրիկ Կուրտը օգնում էր նրան՝ անվարժ, սակայն ջանադրաբար։ Իսկ ես Մացերատին երբեք չէի սիրել։ Երբեմն ես համակրում էի նրան։ Նա իմ հանդեպ ավելի շատ հոգ էր տանում որպես խոհարար, քան հայր։ Նա գերազանց խոհարար էր։ Եվ եթե այսօր ես երբեմն զգում եմ Մացերատի բացակայությունը, դրա պատճառը նրա քյոնիգսբերգյան խմորագնդիկների, թթու սոուսով խոզի երիկամների, նրա բողկով ու սերուցքով կարպի և այնպիսի ճաշատեսակների մեջ է, ինչպես օձաձկներով ու կանաչեղենով ապուրը, թթու կաղամբով խոզի կրծքամիսը և անմոռանալի կիրակնօրյա տապական, որը ես մինչ օրս էլ զգում եմ լեզվիս վրա ու ատամներիս արանքում։ Սակայն այն աշխարհ ուղարկելիս մարդիկ մոռացան շերեփ դնել նրա հետ, ով զգացմունքները ապուրների էր վերածում։ Մոռացան մեկ կապուկ սկատ խաղալու խաղաթուղթ տալ։ Նա ավելի լավ եփում էր, քան սկատ էր խաղում, սակայն, այնուամենայնիվ, ավելի լավ էր խաղում, քան Յան Բրոնսկին և գրեթե նույնքան լավ, որքան իմ խեղճ մայրիկը։ Դրանում էր նրա հարստությունը, դրանում էր նրա ողբերգությունը։ Եվ բացի այդ, ես այդպես էլ չկարողացա նրան ներել Մաիրայի համար՝ չնայած որ նրա հետ լավ էր վերաբերվում, երբեք չէր խփում և, մեծ մասամբ, զիջում էր, երբ նա վեճ էր սկսում։ Ինձ էլ նա չհանձնեց առողջապահության նախարարության ձեռքը, իսկ նամակը ստորագրեց միայն այն բանից հետո, երբ արդեն գրեթե դադարել էին փոստը առաքել։ Երբ ես էլեկտրական լամպերի լույսի տակ ծնվեցի, նա ինձ առևտրի մեջ նշանակում տվեց։ Որպեսզի վաճառասեղանի ետևում չկանգնի, Օսկարը տասնյոթ տարի կանգնած մնաց մոտավորապես հարյուրից ավելի փայլուն, սպիտակ ու կարմիր լաքով պատված թմբուկների ետևում։ Իսկ այժմ Մացերատը պառկած էր և այլևս չէր կարող կանգնել։ Ծերունի Հայլանդը նրան ծածկում էր հողով՝ միաժամանակ ծխելով Մացերատի «Դերբի» սիգարետները։ Այժմ կրպակի տիրույթների մեջ Օսկարը պետք է ոտք դներ, սակայն մինչ այդ ոտքը դրեց պարոն Ֆայնգոլդը իր բազմանդամ, անտեսանելի ընտանիքի հետ։ Մնացորդները՝ Մարիային, փոքրիկ Կուրտին և նրանց համար պատասխանատվությունը ստացա ես։

Մարիան անկեղծորեն ու կաթոլիկի պես լաց էր լինում ու աղոթում։ Պարոն Ֆայնգոլդը Գալիցիայում էր կենում կամ զբաղված էր դժվարիմաց հանրահաշվական խնդիրներ լուծելով։ Չնայած փոքրիկ Կուրտը հոգնել էր՝ նա անընդհատ աշխատում էր բահով։ Գերեզմանատան պատի վրա նստած էին երկու ռուսները և շատախոսում էին։ Հայլանդը Զասպեսի գերեզմանատան ավազը համաչափ ու մռայլ գցում էր մարգարինի արկղերի տախտակների վրա։ Օսկարը դեռ կարողանում էր ընթերցել «Վիտելլո» բառի երեք տառը, հետո վզից հանեց թմբուկը, սակայն հերթական անգամ «Պե՞տք է, թե՞ պետք չէ»֊ն չարտասանեց, այլ արտասանեց «Թող լինի այսպես» և թմբուկը գցեց այնտեղ, որտեղ դագաղի վրա արդեն բավականաչափ ավազ էր լցված, որպեսզի ավելի լավ դղրդյուն լիներ։ Փայտիկները ես ուղարկեցի թմբուկի ետևից, և նրանք խրվեցին ավազի մեջ։ Դա իմ սրբողների ժամանակաշրջանի թմբուկն էր։ Ծնվել էր Բեբրայի ռազմաճակատային թատրոնում։ Բեբրան ինձ շատ թմբուկներ նվիրեց։ Ինչպե՞ս կգնահատեր խրատատուս իմ այժմյան վարքագիծը։ Այդ թիթեղի վրա թմբկահարել էր Հիսուսը և կարճահասակ, կոպիտ կառուցվածքով ռուսը։ Նրա հետ այլ արկած տեղի չէր ունեցել, սակայն, երբ բահի ավազը հարվածեց նրա մակերեսին, նա ձայն տվեց։ Երկրորդ բահից հետո նույնպես ձայն տվեց։ Իսկ ահա երրորդից հետո այլևս ոչ մի ձայն չհանեց, միայն մի փոքր սպիտակ լաք ի ցույց դրեց, քանի դեռ ավազը այդ մասը չէր հավասարեցրել մյուս ավազի հետ, էլ ավելի մեծ չափի ավազի հետ, ավազը իմ թմբուկի վրա ավելանում ու ավելանում էր, կույտը մեծանում էր, և ես ևս սկսեցի աճել, և իրեն զգալ տվեց քթիս առատ արյունահոսությամբ։

Փոքրիկ Կուրտն առաջինը նկատեց արյունը։

― Իսկ նրանից արյուն է հոսում, արյուն է հոսում, ― գոռաց նա և գոռոցով պարոն Ֆայնգոլդին Գալիցիայից ետ վերադարձրեց, ընդհատեց Մարիայի աղոթքը և նույնիսկ երկու ռուս տղաներին, որոնք առաջվա պես պատի վրա նստած շատախոսում էին, ստիպեց արագ ու վախեցած բարձրացնել աչքերը։

Ծերունի Հայլանդը բահը թողեց ավազի մեջ, բարձրացրեց քլունգը և կապտասև երկաթը կպցրեց իմ թիկունքին։ Ցուրտը թողեց իր ազդեցությունը, արյունը փոքր֊ինչ հանդարտվեց, ծերունի Հայլանդը կրկին վերցրեց բահը, գերեզմանի շուրջը արդեն գրեթե ավազ չէր մնացել, և արյունն էլ արդեն լրիվ դադարեց հոսել, սակայն աճս դեռ չէր ավարտվել և իր մասին հայտարարեց իմ ներսում մի ինչ֊որ ճռռոցով, ճարճատոցով ու խշշոցով։

Երբ ծերունի Հայլանդը գերեզմանի աշխատանքն ավարտեց, մեկ այլ գերեզմանից դուրս քաշեց առանց գրության, փոշեփուտ եղած փայտե խաչը և խրեց թարմ թմբի մեջ մոտավորապես Մացերատի գլխի և իմ թաղված թմբուկի միջև։

― Պատրաստ է, ― ասաց ծերուկը, գրկեց Օսկարին, որը չէր կարող ինքնուրույն գնալ, տարավ նրան, իր ետևից տարավ նաև մյուսներին, նույնիսկ նաև ինքնաձիգներով ռուսներին, փլված պատի միջով դուրս, տանկերի ակոսների երկայնքով դեպի ձեռնասայլակը, որը մնացել էր տանկով արգելափակված տրամվայի գծերի վրա։ Ես ուսի վրայով նայում էի ետ՝ Զասպե գերեզմանատանը, Մարիան տանում էր ալիքաձև թութակով վանդակը, պարոն Ֆայնգոլդը տանում էր գործիքները, փոքրիկ Կուրտը չէր տանում ոչինչ, երկու ռուսները տանում էին չափազանց փոքր գլխարկները և չափազանց մեծ ինքնաձիգները, իսկ ափամերձ սոսիները ծամածռվում էին ու կորանում։

Ավազից ասֆալտի վրա։ Խփված տանկի վրա նստած էր Լեո Խենթուկը։ Բարձրում, գլխավերևում սավառնում էին ինքնաթիռները Հելլայի կողմից և դեպի Հելա։ Լեոն ամեն կերպ ջանում էր սպիտակ ձեռնոցները T-34 այրված տանկին դիպցնելով չկեղտոտել։ Արևը փքված ամպերի հետ ընկնում էր Տորնբերգի՝ Սոպոտի մոտի սարի վրա։ Խենթուկ Լեոն սահելով իջավ տանկից և շատ ուղիղ կեցվածք ընդունեց։

Լեոյի տեսքը զվարճացրեց ծերունի Հայլանդին։

― Դուք որևէ տեղ նման բան տեսե՞լ եք։ Աշխարհը գրողի ծոցն է սլանում, իսկ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում Լեո Խենթուկի հախից գալ։

Նա ազատ ձեռքով բարեհոգաբար թփթփացրեց սև սերթուկին և պարոն Ֆայնգոլդին տեղեկացրեց․

― Իսկ սա ահա մեր Խենթուկ Լեոն է։ Եվ նա այժմ ուզում է ցավակցություն հայտնել ու ձեռք սեղմել։

Ամեն ինչ այդպես էլ եղավ։ Լեոն փսլինքներ թողնելով՝ տարուբերեց իր ձեռնոցները, բոլոր ներկաներին հայտնեց սովորական ցավակցանքը, հարցրեց․

― Դուք տեսե՞լ եք Աստծուն։ Տեսե՞լ եք դուք Աստծուն։

Ինչպես պարզվեց, ոչ ոք չէր տեսել։ Մարիան, չգիտեմ էլ թե ինչու, նրան փոխանցեց թութակով վանդակը։

Երբ Լեոն մոտեցավ Օսկարին, որին ծերունի Հայլանդը նստեցրել էր ձեռնասայլակի վրա, նրա դեմքը զգալի այլայլվեց, իսկ նրա հագուստը խճճվեց նրա ոտքերի մեջ։

― Տեր Աստված, Տեր Աստված, ― գոռում էր նա՝ թափահարելով թութակով վանդակը։ ― Նայեցեք Տեր Աստծուն, ինչպես է նա աճում, նայեցեք, թե ինչպես է նա աճում։

Եվ այստեղ նա թութակի հետ մեկտեղ օդ բարձրացավ և նա վազեց, թռավ, պարեց, օրորվեց, ընկավ, գոռացող թռչունի հետ մեկտեղ ցնդեց, ինքը դարձավ ի վերջո թռչելու ունակ թռչուն, թևերը թափ տալով շեղությամբ ոռոգվող դաշտերի ուղղությամբ։ Եվ երկու ինքնաձիգավորների ձայների միջով մեզ էր հասնում նրա գոռոցը․ «Նա մեծանում է», և նույնիսկ երբ ինքնաձիգները կրկին, երբ Օսկարը առանց աստիճանների սանդուղքով իջնում էր դեպի մեծացող, ամենակուլ ուշագնացությունը, ես դեռ լսում էի թռչունի ձայնը, ագռավի ձայնը՝ դա Լեոն էր աշխարհին ազդարարում․

― Նա մեծանում է։ Նա մեծանում է։ Նա մեծանում է։


Ախտահանիչ միջոցներ

Նախորդ գիշեր ես մղձավանջի մեջ էի ընկել։ Ամեն ինչ ուներ նույն տեսքը, ինչ այցելությունների օրերին, երբ ինձ մոտ են գալիս ընկերներս։ Երազները դռան բռնակը փոխանցում էին մեկը մյուսին և հեռանում՝ հասցնելով ինձ պատմել այն, ինչ երազները համարում են պատմելու արժանի․ կրկնություններով լի հիմար պատմություններ, մենախոսություններ, որոնք, ցավոք, չի կարելի չլսելու տալ, քանզի դրանք բավականաչափ պնդերես են՝ վատ դերասանների շարժումներով։ Երբ նախաճաշի ժամանակ ես փորձեցի Բրունոյին վերապատմել այդ պատմությունները, միևնույն է, ինձ չհաջողվեց դրանցից ազատվել, որովհետև ես ամեն ինչ մոռացել էի։ Ինչ արած, Օսկարը երազներ տեսնել չգիտի։

Մինչ նախաճաշից հետո Բրունոն հավաքում էր ափսեները, ես, կարծես պատահմամբ, նրան խնդրեցի․

― Իմ թանկագին Բրունո, իսկ որքա՞ն է իմ հասակը։

Բրունոն կոնֆիտյուրով թեյի պնակը դրեց սուրճի գավաթի վրա և ընկճված պատասխանեց․

― Ախ, պարոն Մացերատ, պարոն Մացերատ, ահա դուք կրկին ձեր կոնֆիտյուրը չկերաք։

Դե, այդ նախատինքը ինձ հայտնի է։ Այն անփոփոխ հնչում է նախաճաշից հետո։ Զուր չէ, որ Բրունոն ամեն օր նախաճաշից հետո բարեխճորեն մի քիչ մորու կոնֆիտյուր է բերում, որպեսզի ես անմիջապես այն ծածկեմ թղթով, թերթով, որը ես ծռել էի տնակի նման։ Ես չեմ կարողանում կոնֆիտյուրի վրա ո՛չ նայել, ո՛չ ուտել այն և այդ իսկ պատճառով ես հաստատուն և վճռականորեն մերժեցի մեղադրանքը։

― Դու գիտես, թե ինչ կարծիքի եմ ես կոնֆիտյուրի մասին, ավելի լավ է, ասա, թե որքան է իմ հասակը։

Բրունոն անհետացած հրեշի աչքեր ունի։ Եվ ամեն անգամ, երբ նրան պետք է մտածել, նա այդ նախապատմական հայացքը հառում է առաստաղին, ինչից հետո, նայելով այնտեղ, սկսում է մարգարեություն անել։ Այս առավոտ ևս ահա պատասխանը հասցեագրված էր առաստաղին․

― Սակայն չէ՞ որ սա մորու կոնֆիտյուր է։

Եվ միայն երկարատև դադարից հետո, քանզի իմ լռության շնորհիվ օդում կախ մնաց նաև Օսկարի հասակի մասին իմ հարցը, Բրունոյի հայացքը առաստաղից կտրվեց, սևեռվեց մահճակալի երկաթյա ճաղավանդակին, և ես լսեցի, որ իմ հասակը կազմում է մեկ մետր և քսանմեկ սանտիմետր։

― Իսկ չե՞ս ուզում դու, արդյոք, իմ հարգելի Բրունո, հանուն կարգ ու կանոնի մեկ անգամ էլ չափել։

Հայացքի ուղղությունը պահպանելով՝ Բրունոն շալվարի ետևի գրպանից հանեց ծալովի մետրը, գրեթե դաժան ուժով ետ գցեց իմ վերմակը, վեր սահած գիշերային վերնաշապիկս քաշեց պատճառական տեղիս վրա, քաշելով բացեց գունավոր դեղնագույն, հարյուր յոթանասունութ բաժանման վրա կոտրված մետրը, կպցրեց ինձ, շարժեց, ստուգեց ձեռքերով, ամեն ինչն անում էր հիմնավոր, սակայն հայացքով կենում էր դինոզավրի ժամանակներում և, ի վերջո, ձևացնելով, թե իբր հաշվարկում է արդյունքը, քանոնը թողեց ինձ վրա։

― Դեռ կրկին մեկ մետր քսանմեկ սանտիմետր։

Նրա ինչի՞ն էր պետք այդպես աղմկել մետրը ծալելիս ու նախաճաշը տանելիս։ Ի՞նչ է, նրան իմ հասա՞կը դուր չի գալիս։

Երբ Բրունոն լքում էր սենյակը՝ մատուցարանի վրա տանելով նախաճաշի մնացուկները, զարմացնելու աստիճան բնական գույնի մորու կոնֆիտյուրով և ձվի դեղնուցի գույնի մի ծալովի մետրով, նա արդեն միջանցքից մեկ անգամ ևս հպվեց իմ դռան դիտանցքին, այդ հայացքի տակ ես դարձա աշխարհի չափ հին, մինչև որ նա ի վերջո ինձ մենակ թողեց իմ մեկ մետր քսանմեկ սանտիմետր հասակի հետ։

Նշանակում է, ահա թե ինչ հասակ ունի մեր Օսկարը։ Գաճաճի, թզուկի, լիլիպուտի համար, թերևս, մի քիչ շատ է։ Ի՞նչ բարձրության վրա էր տեղակայված իմ Ռոզվիտայի, իմ Ռագունայի սարքը։ Ինչպիսի՞ հասակի վրա կանգ առավ իմ խրատատու Բեբրան, որն ուղիղ գծով արքայազն Օյգենից էր ծագել։ Այսօր ես նույնիսկ Քիթթիին, նույնիսկ Ֆելիքսին կարող էի վերից նայել։ Սակայն չէ՞ որ բոլորը, ում ես այստեղ թվարկեցի, ժամանակին ընկերական նախանձով էին վերևից ներքև նայում Օսկարին, որը մինչ իր կյանքի քսանմեկ տարին ընդամենը իննսուչորս սանտիմետր էր պարունակում։ Եվ միայն, երբ Զասպե գերեզմանատանը Մացերատի թաղման ժամանակ քարը հարվածեծ իմ ծոծրակին, ես սկսեցի աճել։ Օսկարը արտասսանեց «քար» բառը։ Եվ այսպես, ես որոշում կայացրի, որոշ չափով լրացնել գերեզմանատան իրադարձությունների մասին պատմությունը։

Այն բանից հետո, երբ ես խաղալով հայտնաբերեցի, որ ինձ համար այլևս «պետք է֊պետք չէ» հարցը գոյություն չունի, որ մնացել է միայն մեկը՝ «պետք է֊ պարտավորեմ֊ցանկանում եմ»֊ը, ես փորիս վրայից հանեցի թմբուկս և փայտիկների հետ մեկտեղ նետեցի Մացերատի մոտ՝ գերեզմանի մեջ, որոշեցի սկսել աճել։ Անմիջապես ականջներիս մեջ ուժեղ աղմուկ զգացի, և հետո միայն իմ ծոծրակին հարվածեց հունական ընկույզի մեծության քարը, որը նետվել էր իմ Կուրտ որդու ձեռքով և չորս տարեկան տղայի ողջ ուժով։ Եվ չնայած այդ հարվածը ինձ համար անակնկալ չէր՝ ես առանց այն էլ կռահում էի, որ իմ որդին ինչ֊որ բան է ծրագրել, այնուամենայնիվ, ես ընկա Մացերատի գերեզմանի մեջ, որտեղ արդեն ընկած էր իմ թմբուկը։ Հայլանդը ծերունական չոր շարժումով, կառչումով ինձ դուրս բերեց գերեզմանից, սակայն իմ թմբուկը փայտիկների հետ այդպես էլ թողեց այնտեղ և, քանի որ քթիս արյունահոսությունը արդեն լրիվ նկատելի էր, ինձ թիկունքի վրա պառկեցրեց քլունքի երկաթին։ Ինչպես արդեն գիտենք, արյունահոսությունը շուտով դադարեց, իսկ ահա աճի գործընթացը հասնում էր հաջողությունների, որոնք, սակայն, այնքան չնչին էին, որ միայն Լեո Խենթուկը նկատեց, ինչի մասին էլ թռչունի թեթևությամբ, բարձր ձայնով ու ձեռքերը թափահարելով, ազդարարեց։

Այսպիսին է իմ լրացումը, որի անհրաժեշտությունը չկա, ընդհանուր առմամբ ասած, քանզի ես սկսեցի աճել նախքան որդուս՝ քարը նետելը և նախքան գերեզման ընկնելը։ Իսկ ահա Մարիայի համար ու պարոն Ֆայնգոլդի համար գոյություն ուներ միայն մեկ բացատրություն աճի, որը նրանք հիվանդություն էին համարում, քարը ծոծրակին խփվելը, գերեզման ընկնելը։ Մարիան հենց գերեզմանատանը ծեծեց փոքրիկ Կուրտին։ Ես խղճացի երեխային, քանզի բացառված չէր, որ նա ինձ օգնելու, իմ աճը արագացնելու նպատակով ինձ քարով հարվածեց։ Միգուցե նա ցանկանում էր ի վերջո ստանալ իսկական, ստանալ մեծահասակ հայր կամ գոնե Մացերատին փոխարինող, քանզի իմ մեջ նա երբեք հորը չէր ճանաչում և չէր մեծարում։ Գրեթե մեկ տարի տևողությամբ իմ աճի ընթացքում եղան չափից շատ բժիշկներ ու բժշկուհիներ, որոնք հաստատում էին նետված քարի ու անհարմար ձևով ընկնելու մեղքը, որոնք ասում ու գրում էին իմ հիվանդության պատմությունը․ Օսկար Մացերատը աննորմալ աճող Օսկարն է, քանի որ քարը․․․ և այլն։

Այս բացատրություններում կարելի է կռահել ցանկացած հրաշքի մեջ բնական պատճառ տեսնելու մարդու հասկանալի ցանկությունը։ Օսկարը պետք է ազնվորեն խոստովանի, որ ինքն էլ է հիմնավոր ձևով ուսումնասիրում ցանկացած կախարդանք, նախքան այն որպես անճշմարտանման հորինվածք դեն նետելը։

Զասպեի գերեզմանոցից վերադառնալով՝ մենք Տրուչինսկի մայրիկի տանը նոր բնակիչներ հայտնաբերեցինք։ Ութ անձից բաղկացած լեհական ընտանիքը զբաղեցրել էր խոհանոցն ու զույգ երկու սենյակները։ Պարզվեց, որ բավականին քաղաքավարի մարդիկ են, նրանք նույնիսկ պատրաստակամություն հայտնեցին մեզ թողնել իրենց մոտ, քանի դեռ մենք հարմար տեղ չենք գտել, սակայն պարոն Ֆայնգոլդը վճռականորեն ըմբոստացավ ընդդեմ նման հանրակացարանի և կրկին ցանկացավ մեզ զիջել ննջասենյակը, մինչ ինքն անձամբ որոշ ժամանակ բավարարվի հյուրասենյակով։ Դա իր հերթին չցանկացավ Մարիան։ Նա գտավ, որ իրեն, իր վաղ այրիացած վիճակում, վայել չէ միայնակ տղամարդու հետ կողք կողքի ապրելը։ Ֆայնգոլդը, որը հաճախ չէր գիտակցում, որ ո՛չ իր կինը՝ Լյուբան և ո՛չ էլ մնացած ընտանիքը կողքին չեն, որն ավելի քան հաճախ թիկունքում զգում էր եռանդուն կնոջ ներկայությունը, հնարավոր գտավ ընդունել Մարիայի փաստարկները։ Եվ այսպես, հանուն պատշաճության և հանուն կնոջ՝ Լյուբայի, այդ տարբերակը չանցավ, բայց ահա նկուղը նա որոշեց ամբողջապես հանձնել մեր տնօրինությանը։ Նա նույնիսկ պահեստի վերազինման ժամանակ մեզ օգնեց, սակայն կտրականապես ընդդիմացավ, որ ես նույնպես ապրեմ նկուղում։ Քանի որ ես հիվանդ էի, շատ լուրջ հիվանդ, ինձ համար հյուրասենյակում իմ խեղճ մայրիկի դաշնամուրի կողքին ժամանակավոր բնակության համար անկողին պատրաստեցին։

Պարզվեց, որ բժիշկ գտնելը ծայրաստիճան դժվար է։ Բժիշկների մեծ մասը հեռացող բանակի հետ ժամանակին լքել էին քաղաքը, քանի որ Արևմտյան Պրուսիայի հիվանդանոցային դրամարկղը դեռ հունվարին տեղափոխել էին դեպի Արևմուտք՝ դրանով իսկ «խնամառու» հասկացությունն դարձնելով բժիշկներից շատերի համար ինչ֊որ անիրական բան։ Երկար որոնումներից հետո պարոն Ֆայնգոլդը Ելենա Լանգեի անվան դպրոցում, որտեղ կողք կողքի պառկած էին վիրավոր վերմախտականներն ու կարմիր բանակայինները, գտավ Էլմինբինգցի մի բժշկուհու, որն այնտեղ անդամահատություն էր անում։ Նա խոստացավ մտնել մեզ մոտ և իսկապես էլ չորս օր անց եկավ, նստեց իմ մահճակալի կողքին, ինձ զննելիս իրար ետևից երեք կամ չորս սիգարետ ծխեց, իսկ չորրորդը բերանում քնեց։

Պարոն Ֆայնգոլդը չհամարձակվեց նրան արթնացնել։ Մարիան վախվխելով հրեց նրան, սակայն բժշկուհին ուշքի եկավ միայն, երբ այրվող սիգարետով այրեց ձախ ձեռքի ցուցամատը։ Արթնանալով՝ վեր կացավ, ոտքով սիգարետի մնացորդը տրորեց և կարճ ու ափսոսանքով ասաց․

― Կներեք, երեք շաբաթ չենք քնել։ Բեզեմարկում եղել եմ լաստանավի վրա Արևելյան Պրուսիայից եկած երեխաների հետ։ Չանցանք։ Միայն զորքերը։ Մոտավորապես չորս հազար։ Բոլորը զոհվեցին։

Հետո նա նույնչափ ժլատորեն թփթփացրեց իմ աճող մանկական այտին, որչափ ժլատորեն տեղեկացրեց զոհված երեխաների մասին, բերանի մեջ նոր սիգարետ խցկեց, քշտեց իր ձախ թևքը, պորտֆելից հանեց սրվակը և ինքն իրեն կայտառացնող ներարկում կատարելով՝ Մարիային ասաց․

― Դժվար է ասել, թե ինչ է կատարվում երեխայի հետ։ Թերևս նրան հիվանդանոց է պետք։ Բայց՝ ոչ այստեղ։ Աշխատեք այստեղից մեկնել։ Ուղղությունը՝ արևմուտք։ Ծնկները, դաստակները, ուսերը ուռել են։ Հավանաբար, գլխի հետ էլ նույնը կլինի։ Սառը կոմպրեսներ դրեք։ Ձեզ նաև մի քանի հաբ կթողնեմ, այն դեպքի համար, եթե ցավեր լինեն, և նա չկարողանա քնել։ Ինձ դուր եկավ այդ քչախոս բժշկուհին, որը չէր հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ և ազնվորեն խոստովանեց դա։ Հետագա շաբաթներին Մարիան ու պարոն Ֆայնգոլդը ինձ բազմաթիվ սառը կոմպրեսներ դրեցին, ինչը շատ հաճելի էր, սակայն, չնայած կոմպրեսներին, ծնկներս, դաստակներս, ուսերս ու գլուխս շարունակում էին ցավել և ուռչել։ Մարիան և պարոն Ֆայնգոլդը առանձնակի սարսափով էին հետևում լայնությամբ ուռչող գլխիս։ Նա ինձ տվեց թողած հաբերը, սակայն հաբերը շուտով վերջացան։ Նա սկսեց քանոնի ու մատիտի օգնությամբ դուրս բերել իմ ջերմաստիճանի կորագիծը, սակայն հետո չափից շատ տարվեց փորձարարությամբ, համարձակ կառուցվածքների մեջ գրանցելով իմ ջերմաստիճանը, որը չափում էր օրը հինգ անգամ ջերմաչափով, որը ձեռք էր բերել սև շուկայից արհեստական մեղրի հետ փոխելով, որը հետո պարոն Ֆայնգոլդի աղյուսակներում ունենում էր վախեցնող, պատռված, պոկված֊հանված սարերի շղթայի տեսք։ Ես պատկերացնում եմ ինձ Ալպերը, Անդերի ձյունե լեռնաշղթան, իսկ իմ ջերմաստիճանի մեջ ոչ մի այդ աստիճան անսովոր բան չկար․ առավոտները՝ առավել հաճախ երեսունութ, իսկ երեկոյան մոտ հաջողվում էր հասնել երեսունիննի, իսկ իմ աճի ողջ ընթացքում ավելի բարձր, քան երեսունինը ու չորսը, ջերմությունս երբեք չէր բարձրանում։ Ջերմի մեջ ես շատ այլևայլ բաներ էի լսում ու տեսնում․ մեկ նստած էի կարուսելի վրա, ցանկանում էի իջնել, սակայն ինձ թույլ չէին տալիս։ Բազմաթիվ երեխաների հետ ես նստում էի հրշեջ մեքենաների մեջ և նստատեղերի համար անցքով կարապների, կատուների վրա, շների, խոզերի ու եղջերուների վրա նստած ման էի գալիս, ուզում էի իջնել, սակայն ինձ թույլ չէին տալիս, քանի որ Երկնային Հայրը կանգնած էր տիրոջ կողքին և վճարում էր ևս մեկ պտույտի համար և հետո՝ էլի մեկ։ Իսկ մենք աղոթում էինք․ «Ախ, Հայր մեր, մենք գիտենք, որ դու մանրադրամ շատ ունես, որ քեզ դուր է գալիս, երբ մենք պտտվում ենք կարուսելի վրա, որ քեզ հաճելի է մեզ այս աշխարհի կորությունը ցույց տալը։ Միայն թե խնդրում ենք, պահիր քո դրամապանակը, ասա «Կանգ առ», բավական է, հերիք է, վերջ, պրծավ, դուրս եկեք, փակվում ենք, կանգ առ, մեր՝ փոքրիկ երեխաներիս, գլուխը պտտվում է, մեզ բոլորիս, թվով չոր հազար, բերեցին Վիսլայի Քեզեմարկ, սակայն մենք այդպես էլ չկարողացանք գետն անցնել, որովհետև քո կարուսելը, քա կարուսելը․․․»։

Սակայն բարեսիրտ Աստվածը, սակայն Հայրը մեր, սակայն կարուսելի տերը միայն ժպտում էր, ինչպես ասված է գրքում, և իր դրամապանակի միջից որսաց հերթական մետաղադրամը, որպեսզի հրշեջ մեքենաների ու անցքով կարապների, կատուների, շների, խոզերի ու եղջերուների վրայի Օսկարի ընկերակցությամբ բոլոր չորս հազար փոքրիկ երեխաներին շրջանով մեկ քշի ու քշի։ Եվ ամեն անգամ, երբ իմ եղջերուն, ինձ մինչ օրս էլ թվում է, որ ես նստած էի եղջերուի վրա, պտտում էր մեզ Երկնային Հոր և կարուսելի տիրոջ կողքով, և նա բացում էր իմ աչջև իր դեմքը․ դա Ռասպուտինն էր, որն իր կախարդի ատամները հաջորդ պտույտի համար խրում էր մետաղադրամի մեջ, ապա դա բանաստեղծների արքա Գյոթեն էր, որն իր նրբաճաշակ նախշակարով դրամապանակից հանում էր մետաղադրամները, որոնց դիմային մասը անխուսափելիորեն պատկերում էին նրա դրոշմված կիսադեմը, և կրկին՝ հմայող Ռասպուտինը, և կրկին՝ զուսպ Գյոթեն։ Մի քիչ խելագարություն՝ Ռասպուտինի հետ, հետո, առողջ բանականության նկատառումներից ելնելով, Գյոթեն։ Ծայրահեղականները խմբավորվում են Ռասպուտինի շուրջ, կարգ ու կանոնի ուժերը՝ Գոյթեի շուրջ։ Ամբոխը, խռովությունը՝ Ռասպուտինի շուրջ, օրացուցային իմաստնությունները՝ Գյոթեի շուրջ․․․ և վերջապես կռացավ և ոչ այն պատճառով, որ ջերմությունս իջավ, այլ քանի որ ամեն անգամ ինչ֊որ մեկը մեղմացնելով կռանում էր այդ ջերմության վրա, կռացավ պարոն Ֆայնգոլդը և կարուսելը կանգնեցրեց։

Պարոն Ֆայնգոլդը կանգնեցրեց հրշեջ մեքենան, կարապին և եղջերուին, նա արժեզրկեց Ռասպուտինի մետաղադրամները, Գյոթեին ուղարկեց ներքև, մայրիկի մոտ,[12] նա չորս հազար երեխաներին, որոնց գլուխները պտտվում էին, հնարավորություն տվեց թռչել և Վիսլայի վրայով անցնել Քեզեմարկ՝ Երկնային թագավորություն, նա Օսկարին բարրձրացրեց ջերմի անկողնուց, նա Օսկարին նստեցրեց լիզոլի ամպի վրա, այլ խոսքերով, նա ինձ ախտահանեց։

Սկզբնական շրջանում դա կապված էր ոջիլների հետ, իսկ հետո դարձավ սովորություն։ Նա սկզբում փոքրիկ Կուրտի մոտ ոջիլներ հայտնաբերեց, հետո ինձ մոտ, հետո Մարիայի մոտ, հետո իր մոտ։ Հավանաբար ոջիլներին մեզ մոտ բերեց այն կալմիկը, որը Մարիայից խլեց Մացերատին։ Ախ, ինչպես էր գոռում պարոն Ֆայնգոլդը, երբ ոջիլներ էր հայտնաբերում։ Օգնության էր կանչում իր կնոջն ու երեխաներին, իր ողջ ընտանիքին կասկածում էր ոջլոտության մեջ, արհեստական մեղրը և վարսակի փաթիլները փոխանակեց տարբեր ախտահանիչ միջոցների բազմաթիվ տոպրակների հետ և սկսեց ամեն օր ախտահանել իրեն, իր ընտանիքը, փոքրիկ Կուրտին, Մարիային ու ինձ, ինչպես նաև անկողինը, որում պառկած էի ես։ Նա շփում էր մեզ, նա ցողում էր մեզ, նա շաղ էր տալիս մեզ վրա։ Իսկ մինչ նա ցողում, շաղ էր տալիս ու շփում էր, իմ ջերմությունը ծաղկում էր շքեղ գույներով, հոսում էր նրա խոսքը, և ես իմացա կարբոլաթթվով, քլորով և լիզոլով բարձված բեռնատար գնացքների մասին, որոնք բարձած էին կարբոլաթթվով, քլորով և լիզոլով, որոնք նա ցողել, լցրել և շաղ էր տվել, դեռ այն ժամանակ, երբ եղել էր Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարի ախտահանողը։ Եվ ամեն օր ժամը երկուսին, որպես ախտահանող, Մարիուս Ֆայնգոլդը լիզոլով էր ցողում ճամբարի ճանապարհները, բարաքները, լոգասենյակները, դիակիզարանների վառարանները, կապոցով հագուստները, որոնք սպասում էին, որոնք դեռ լոգանք չէին ընդունել, դարսվածները, որոնք արդեն եղել էին լոգարանում, ամենը, ինչ դուրս էր գալիս վառարաններից, ամենը, որը պետք է ընկներ վառարան։ Եվ նա ինձ թվարկում էր բոլոր անունները, քանզի նա բոլոր անունները գիտեր, նա պատմեց Բիլաուերի մասին, որ մի անգամ օգոստոսյան մի շոգ օր խորհուրդ տվեց ճամբարի փողոցները ջրել ոչ թե լիզոլով, այլ կերոսինով։ Պարոն Ֆայնգոլդը այդպես էլ արեց, իսկ Բիաուերի մոտ լուցկի կար։ Եվ ծերունի Զև Կուրլանդը, որը ՍՕԲ֊ից էր, բոլորից երդում վերցրեց։ Իսկ ինժեներ Գալևսկին կոտրեց զինապահեստը։ Իսկ Բիլաուերը կրակոցով սպանեց պարոն Հաուպտշտաց ֆյուրեր Կուրներին։ Իսկ Շտոլբախտը Տրավնիկից բերված մարդկանց վրա, իսկ էլի ուրիշները գցեցին ցանկապատը և ընկան նրա հետ միասին։ Սակայն ունտերշարֆյուրեր Շյոպեն, որը անչափ շատ էր սիրում կատակել, երբ մարդկանց լոգարաններ էր տանում, հենց այդ Շյոպեն կանգնել էր ճամբարի դարպասների մեջ ու կրակում էր։ Միայն թե դա նրան չօգնեց, մնացածները՝ Ադեկ Կավեն, Մոտել Լևիրը և էլի Հենոխ Լեռները և նաև Հերց Ռոտբլատը, և Լետեկ Զայգելը, և Թոբիաս Բարանը իր Դեբորայի հետ հարձակվեցին նրա վրա։ Իսկ Լյուլեկ Բեգելմանը գոռում էր․ «Թող Ֆայնգոլդը գա մեզ հետ, քանի դեռ վրա չեն տվել ինքնաթիռները»։ Սակայն պարոն Ֆայնգոլդը չէր ցանկանում հեռանալ։ Նա իր կնոջը՝ Լյուբային էր սպասում։ Սակայն Լյուբան արդեն այն ժամանակ չէր գալիս, եթե նա կանչում էր նրան։ Այդ ժամանակ նրանք աջ և ձախ կողմերից նրան բռնեցին, ձախից Յակոբ Գելերնթգերը, աջից՝ Մորդեխեյ Շվարցբարդը, իսկ նրանց առջևով վազում էր փոքրիկ բժիշկ Աթլասը, որն արդեն Տրեբլինկայի ճամբարում և հետո նաև Վիլնոյի մերձակա անտառներում դարձավ եռանդագին լիզոլագործ և միշտ հայտարարում էր․ լիզոլը առավել կարևոր է, քան կյանքը։ Պարոն Ֆայնգոլդը կարող է միայն հաստատել նրա խոսքերը, քանզի նա լիզոլով ցողել է հանգուցյալներին, ոչ թե մեկ հանգուցյալի, այլ հանգուցյալներին, հանուն ինչի՞ թվեր բերել, չէ որ ես ասում եմ, եղել են հանգուցյալներ, որոնց նա ցողել էր լիզոլով։ Իսկ թե որքան անուններ կարող էր նա թվարկել, ձանձրալի է լսել, սակայն ինձ, ով լող էր տալիս լիզոլի մեջ, հարյուր հազարավոր մարդկանց կյանքի ու մահվան հարցը եղել է նվազ կարևոր, քան այն հարցը, թե կարելի՞ է, արդյոք, պարոն Ֆայնգոլդի ախտահանիչ միջոցներով բավականաչափ և ճիշտ ժամանակին ախտահանել կյանքը, իսկ եթե ոչ կյանքը, ապա վատթարագույն դեպքում, մահը։

Հետո ջերմը իջավ, և եկավ ապրիլը, հետո ջերմությունս կրկին բարձրացավ, կրկին պտտվեց կարուսելը, իսկ պարոն Ֆայնգոլդը լիզոլով ցողում էր մեռածներին ու ողջերին։ Հետո ջերմությունս կրկին նվազեց, և մոտեցավ ապրիլի վերջը։ Մայիսի սկզբին իմ պարանոցը դարձավ ավելի կարճ, կրծքավանդակս լայնությամբ ընդարձակվեց, թևածեց դեպի վեր, այնպես, որ ես այժմ կարող էի գլուխս չիջեցնելով՝ դնչով քսվել Օսկարի անրակին։ Կրկին ջերմությունս մի քիչ վերադարձավ, և նրա հետ մի քիչ լիզոլ։ Ես կարող էի լսել նաև լիզոլի մեջ լող տվող Մարիայի խոսքերը․ «Հանկարծ նա այլանդակ չդառնա։ Հանկարծ նրա մոտ կուզ չաճի։ Հանկարծ նրա մոտ գլխի ուռուցվորություն չառաջանա»։

Սակայն պարոն Ֆայնգոլդը սփոփեց Մարիային՝ նրան պատմելով այն մարդկանց մասին, որոնց նա գիտեցել էր, և որոնք, չնայած ուռուցվորությանը և կուզին, կարողացել են կյանքում ինչ֊որ բանի հասնել։ Նա նրան պատմեց ոմն Ռոման Ֆրիդրիխի մասին, որն իր կուզի հետ մեկտեղ արտագաղթել էր Արգենտինա, սկսել էր այնտեղ զբաղվել կարի մեքենաների վաճառքով, այդ առևտրի արդյունքում շատ մեծացավ, և նա դրանով մեծ ճանաչում ձեռք բերեց։ Ճիշտ է, բարգավաճող Ֆրիդրիխի մասին պատմությունը Մարիային ամենևին չսփոփեց, սակայն պատմողին՝ պարոն Ֆայնգոլդին, այնպիսի խանդավառության հասցրեց, որ նա որոշեց փոխել մեր կրպակի դեմքը։ Մայիսի կեսին՝ պատերազմի ավարտից քիչ անց, գաղութային ապրանքների կրպակում նոր տեսականի հայտնվեց, հայտնվեցին առաջին կարի մեքենաները և դրանց պահեստամասերը, սակայն մի որոշ ժամանակ մնացին նաև մթերային ապրանքները և օգնեցին իրականացնել անցումը։ Դրախտային ժամանակներ։ Գրեթե ոչ ոք կանխիկ դրամով չէր վճարում։ Փոխում էին ամեն ինչը ամեն ինչի հետ, արհեստական մեղրը, վարսակի փաթիլները, դոկտոր Էտկերի սոդայի փոշու վերջին տուփերը, շաքարը, ալյուրը, և մարգարինը վեր էին ածվում հեծանիվների, հեծանիվները և դրանց պահեստամասերը վեր էին ածվում էլեկտրաշարժիչների, էլեկտրաշարժիչները՝ գործիքների, գործիքները՝ մորթեղենի, իսկ մորթեղենը, պարոն Ֆայնգոլդի կախարդանքով, վեր էր ածվում կարի մեքենաների։ Այս փոխանակումային գործարքի ժամանակ, փոքրիկ Կուրտը մեծ օգուտ էր բերում, բերում էր գնորդների, ծառայում որպես միջնորդ, ավելի արագ, քան Մարիան, յուրացրեց նոր մասնագիտությունը։ Ամեն ինչը գրեթե այնպիսի տեսք ուներ, ինչպես Մացերատի ժամանակ։ Մարիան կանգնում էր վաճառասեղանի ետևում և սպասարկում էր հին հաճախորդների այն մասին, որը դեռ չէր լքել երկիրը, միաժամանակ կոտրված լեհերենով փորձելով իմանալ, թե ինչ են կամենում նոր գնորդները։ Լեզուներ սովորելու գործում փոքրիկ Կուրտը շատ ընդունակ էր։ Փոքրիկ Կուրտը լինում էր ամեն տեղ։ Պարոն Ֆայնգոլդը կարող էր հույսը դնել փոքրիկ Կուրտի վրա։ Դեռ հինգ տարեկանը չլրացած փոքրիկ Կուրտը դարձել էր մասնագետ և կարողանում էր Բանխոսֆշտրասեի սև շուկայում ներկայացված հարյուրավոր վատ և միջակ նմուշօրինակների միջից անմիջապես տեսնել հրաշալի զինգերյան ու պֆաֆֆյան մեքենաները, իսկ պարոն Ֆայնգոլդը իր կողմից կարողանում էր գնահատել փոքրիկ Կուրտի գիտելիքները։ Երբ մայիսի վերջին իմ տատիկ Աննա Կոլյայչեկը ոտքով Բիսաուից Բրենտաուով Լանգֆուր մեզ այցի եկավ և, ծանր շնչելով, նստեց թախտի վրա, պարոն Ֆայնգոլդը նրա մոտ շատ գովաբանեց փոքրիկ Կուրտին և Մարիայի համար էլ գտավ բարի խոսքեր։ Իսկ երբ նա բոլոր մանրամասներով պատմեց իմ հիվանդության պատմությունը, ընդ որում՝ ամեն կերպ մատնացույց անելով իր ախտահանիչ միջոցների օգտակարությանը, Օսկարին ևս նրա գովաբանություններից մաս հասավ, որովհետև, իրեն հանգիստ ու խելամիտ էր պահել և ողջ հիվանդութայն ընթացքում ոչ մի անգամ լաց չեղավ։

Պարզապես տատիկիս կերոսին էր հարկավոր, որովհետև Բիսաուում այլևս լույս չկար։ Ֆայնգոլդը նրա հետ կիսվեց իր կերոսինի փորձով, որը ձեռք էր բերել իր Տրամբլիկա ճամբարում, ինչպես նաև տեղեկացրեց ճամբարի ախտահանիչ պաշտոնում իր բազմակողմանի գործունեության մասին, այնուհետև նա Մարիային կարգադրեց երկու լիտրանոց շշեր լցնել կերոսինով և, դրան գումարած, տվեց մեկ տոպրակ արհեստական մեղր ու ախտահանիչ միջոցների մի ողջ հավաքածու և, գլուխը շարժելով, չնայած բացակայող տեսքով, լսեց տատիկիս պատմությունն այն մասին, թե երբ և ինչ է այրվել Բիսաուում և Բիսաու֊Աբբաուում մարտական գործողությունների ժամանակ։ Նա տեղեկացրեց նաև Ֆիրեկի, որն այժմ հին ձևով Ֆիրոգա են անվանում, ավերածությունների մասին։ Իսկ Բիսաուն այժմ այնպիսին է, ինչպես պատերազմից առաջ Բիզևոն է եղել։ Իսկ Էլերսին, որը Ռիմաուում, գյուղական համայնքի ղեկավար էր և շատ աշխատասեր մարդ, ինչպես նաև ամուսնացած էր իր եղբորոդու կնոջ հետ, կարճ ասած՝ Յանի Հեդվիգի հետ, այն նույն Յանի, որը մնաց փոստատանը՝ այսպես ահա այդ Էլերսին գյուղի բանվորները կախեցին հենց իր գրասեղանի դիմաց։ Նրանք քիչ մնաց Հեդվիգին էլ կախեն, քանի որ նա՝ լեհ հերոսի կինը, ամուսնացել էր գյուղական համայնքի ղեկավարի հետ և նույն այն պատճառով, որ Ստեֆանին լեյտենանտի կոչում էին շնորհել, իսկ Մարգան ընդհանրապես ՍՆԴ֊ի անդամ էր։

― Դե, ― ասաց տատիկս, ― Ստեֆանի հետ նրանք ոչինչ անել չեն կարող, քանի որ Ստեֆանը զոհվել էր այնտեղ՝ վերևում՝ Սառուցյալ օվկիանոսում։ Իսկ ահա Մարգային նրանք ցանկանում էին ճանկել և համակենտրոնացման ճամբար ուղարկել։ Միայն այդ ժամանակ Վինցենտը ի վերջո բացեց բերանը և խոսեց, այն էլ այնպես, ինչպես կյանքում չէր խոսել։ Այժմ Հեդվիգը Մարգայի հետ ապրում է մեզ մոտ և օգնում են դաշտում։ Միայն թե անձամբ Վինցենտը իր խոսելուց այն աստիճան է վնասվել, որ հազիվ թե երկար ձգի։ Դե իսկ ինչ վերաբերում է անձամբ տատիկիս, ապա նրա մոտ և՛ սիրտն է, և՛ ընդհանրապես ամեն տեղը, և գլուխը, քանի որ մի հիմար նրան հարվածել է, մտածում էր՝ բա ինչպես չհարվածեմ։

Այդպես բողոքում էր Աննա Կոլյայչեկը և ձեռքով բռնում էր իր գլուխը, և շոյում էր իր անընդհատ աճող գլուխը, և վերջում կիսեց իր տպավորությունները։

― Կաշուբների մոտ միշտ այդպես է, Օսկար, նրանց գլխին միշտ էլ կխփեն։ Սակայն այժմ դուք տեղափոխվեք այնտեղ, որտեղ ավելի լավ կլինի, իսկ ծեր տատիկը կմնա։ Քանի որ կաշուբների հետ ոչ մի տեղ էլ չի կարելի տեղափոխվել, նրանք պետք է մնան այնտեղ, որտեղ որ կան, և դեմ տան գլուխները, որպեսզի ուրիշները կարողանան դրանց խփել, քանի որ մեր եղբայրը և՛ իսկական լեհ չէ, և՛ իսկական գերմանացի էլ չէ՝ իսկ եթե որևե մեկը ընդհանրապես կաշուբներից է, դա և՛ գերմանացիներին է քիչ, և՛ լեհերին է քիչ։ Դու նրանց ամեն ինչ ճշգրիտ մատուցիր։

Տատիկս բարձր ծիծաղեց, կերոսինը, արհեստական մեղրը և ախտահանիչ միջոցները թաքցրեց իր չորս շրջազգեստների տակ, որոնք, չնայած բոլոր ռազմական, քաղաքական և համաշխարհային պատմական արտակարգ իրադարձություններին, չէին կորցրել իրենց կարտոֆիլային գունավորումը։

Երբ տատիկս արդեն պատրաստվում էր գնալ, և պարոն Ֆայնգոլդը նրան խնդրեց մեկ րոպե սպասել, քանի որ ինքը ուզում է նրան ծանոթացնել իր կնոջ՝ Լյուբայի և ընտանիքի մյուս անդամների հետ, իսկ կինը՝ Լյուբան, այդպես էլ չեկավ, Աննա Կոլյայչեկը նրան ասաց․

― Դե լավ, Աստված նրա հետ։ Ես ինքս էլ եմ անընդհատ գոռում։ Գոռում եմ՝ Ագնես, աղջիկս, արի այստեղ և քո ծեր մորը օգնիր սպիտակեղենը քամել։ Իսկ նա չի գալիս, նույն ձևով, ինչպես ձեր Լյուբան չի գալիս։ Իսկ Վինցենտը, դե նա, որ իմ եղբայրն է, չնայած հիվանդ է, կես գիշերին վեր է կենում, երբ մութ է, գնում է դռան մոտ և արթնացնում է հարևաններին, որովհետև բարձր ձայնով կանչում է իր որդուն, Յանին է կանչում, իսկ Յանը ինչպես եղել է փոստատանը, այնպես էլ մնաց այնտեղ։

Նա արդեն կանգնած էր դռների մեջ և գլխաշորով փաթաթված էր, երբ ես անկողնուց գոռացի․ «Տատ, տատ», այսինքն՝ «տատիկ, տատիկ»։ Եվ նա շրջվեց, արդեն մի քիչ բարձրացրել էր իր շրջազգեստները, կարծես այնտեղ էլ ուզում էր ինձ տեղավորել և տանել իր հետ, սակայն, հավանաբար հիշեց կերոսինով շշերի, արհեստական մեղրի և ախտահանիչ միջոցների մասին, որոնք բոլորը միասին արդեն զբաղեցրել էին իմ տեղը, և հեռացավ, հեռացավ առանց ինձ, հեռացավ առանց Օսկարի, ուղղակի հեռացավ։

Առաջին վերաբնակեցվողներով փոխադրամիջոցները դեպի արևմուտք շարժվեցին հունիսի սկզբին։ Մարիան ոչինչ չէր ասում, սակայն ես կարող էի նկատել, որ նա ևս հրաժեշտ է տալիս կահույքին, կրպակին, ողջ եկամտային տանը, Գինդենբուրգալեի երկու կողմերում գտնվող գերեզմանոցներին և Զասպեի գերեզմանատան բլուրին։

Նախքան փոքրիկ Կուրտի հետ նկուղ իջնելը՝ նա երբեմն երեկոները նստում էր իմ մահճակալի կողքին, իմ խեղճ մայրիկի դաշնամուրի մոտ, ձախ ձեռքով բռնում էր իր շրթնահարմոնը, իսկ աջի մեկ մատով փորձում էր նվագել իր երգի նվագակցումը։

Պարոն Ֆայնգոլդը տառապում էր նրա երաժշտությունից, Մարիային խնդրում էր դադարեցնել, սակայն, հենց նա իջեցնում էր շրթնհարմոնը բռնած ձեռքը և պատրաստվում էր փակել դաշնամուրի կափարիչը, խնդրում էր մի քիչ էլ նվագել։

Հետո նա նրան առաջարկություն արեց։ Օսկարը կռահում էր, որ ամեն ինչ գնում էր դրան։ Պարոն Ֆայնգոլդը ավելի հազվադեպ էր կանչում իր կնոջը և ճանճերով ու տզզոցով լի ամռան մի երեկո, համոզվելով, որ Լյուբան չկա ու չկա, առաջարկություն արեց Մարիային։ Նա պատրաստ էր վերցնել և՛ նրան, և՛ երկու երեխաներին՝ հիվանդ Օսկարին ներառյալ։ Նա Մարիային առաջարկում էր բնակարանը և կրպակից փայաբաժին։

Իսկ Մարիան այն ժամանակ քսաներկու տարեկան էր։ Նրա սկզբնական, կարծես պատահաբար առաջացած գեղեցկությունը, այդ ընթացքում ամրացել էր, եթե չասենք կարծրացել։ Պատերազմի վերջին և ետպատերամյա առաջին ամիսներին նա մնացել էր առանց մշտագանգուրի, որի համար նախկինում Մացերատն էր վճարում և չնայած, որ նա այլևս հյուսքեր չէր կրում, ինչպիսիք ուներ իմ ժամանակ, նրա երկար մազերը, ընկնելով ուսերի վրա, հնարավորություն էին տալիս նրա մեջ տեսնել փոքր֊ինչ չափից դուրս, հնարավոր է նույնիսկ դաժանացած աղջկան, և հենց այդ աղջիկը պատասխանեց՝ «ոչ», և՛ պարոն Ֆայնգոլդը, և՛ Օսկարը, լսեցին նրա բառերը․ «Դրանից ոչինչ չի ստացվի։ Այստեղ ամեն ինչ ավարտվեց։ Իսկ մենք կմեկնենք Ռեյլանդ, իմ քույր Հուստայի մոտ։ Նա այնտեղ ռեստորանների գծով ավագ մատուցողի հետ է, նրա անունը Քյոստեր է, և առայժմ մենք երեքս կապրենք նրա մոտ»։

Հենց հաջորդ օրը նա դիմում ներկայացրեց, իսկ երեք օր անց մենք ստացանք մեր փաստաթղթերը։ Պարոն Ֆայնգոլդը այլևս ոչինչ չէր ասում, նա փակեց առևտուրը, մինչ Մարիան դասավորում էր իրերը, մթության մեջ նստել էր կշեռքի մոտ, վաճառասեղանի վրա և նույնիսկ գդալով արհեստական մեղր չէր հանում։ Միայն երբ Մարիան ցանկացավ հրաժեշտ տալ նրան, նա ցած սահեց վաճառասեղանից, վերցրեց կցասայլակով հեծանիվը և առաջարկեց մինչև երկաթուղային կայարանը մեզ ուղեկցել։

Օսկարը և ուղեբեռը, իսկ մեզ թույլ էին տալիս մեզ հետ վերցնել ամեն մարդու հաշվով հիսունական ֆունտ, բարձեցինք ռետինե սռնիով երկանիվ կցասայլակի մեջ։ Պարոն Ֆայնգոլդը հրում էր հեծանիվը, Մարիան բռնել էր փոքրիկ Կուրտի ձեռքից, և երբ Էլզենշտրասեի անկյունում մենք ձախ էինք թեքվում, ևս մեկ անգամ նայեցինք ետ։ Իսկ ես ահա այլևս չէի կարող նայել ետ՝ Լաբեսվեգի ուղղությամբ, որովհետև գլուխս ամեն անգամ շրջելն ինձ ցավ էր պատճառում։ Միայն շարժունակությունը չկորցրած իմ աչքերով ես ողջույն հղեցի Մարիենշտրասեին, Քլյայնհամերպարկին և դեռ էլի գարշելի կաթիլներ կաթեցնող դեպի Բանհոֆշտրասե տանող ստորգետնյա անցումին, իմ պահպանված Քրիստոսի սիրտը եկեղեցուն և Լանգֆուր արվարձանի կայարանին, որն այժմ անվանվում է Վժեշչ՝ գրեթե անարտասանելի անվանում։

Մենք ստիպված էինք սպասել։ Երբ մոտեցավ գնացքը, պարզվեց, որ բեռնատար է։ Մարդիկ շատ էին, երեխաները՝ չափից դուրս շատ։ Ուղեբեռը ստուգեցին ու կշռեցին։ Ամեն մի բեռնատար վագոնի մեջ զինվորները մի գրկաչափ ծղոտ գցեցին։ Երաժշտություն չէր հնչում, սակայն անձրև ևս չկար։ Ամպամած եղանակ էր, օրը երբեմն֊երբեմն պարզվում էր, և փչում էր արևելյան քամին։

Մենք ընկանք վերջինից չորրորդ վագոնը։ Պարոն Ֆայնգոլդը իր նոսր, շեկավուն թռչող մազերով կանգնած էր ներքևում, գծերի վրա․ երբ շոգեքարշը հզոր պոկումով հասկանալ տվեց իր գալու մասին, նա ավելի մոտ եկավ, Մարիային մեկնեց մարգարինով տոպրակը և արհեստական մեղրով երկու տոպրակ։ Իսկ երբ լեհերեն լեզվով հրամանները, գոռոցն ու լացը ազդարարեցին մեկնումը, նա ճանապարհի մթերապաշարին միացրեց նաև ախտահանիչ միջոցներով տոպրակը՝ լիզոլը առավել կարևոր է, քան կյանքը, և մենք շարժվեցինք, ետևում թողեցինք պարոն Ֆայնգոլդին, իսկ նա բոլոր կանոններով՝ մի խոսքով, ինչպես որ ընդունված է գնացքների մեկնման ժամանակ, իր թռչող, շիկավուն մազերի հետ դառնում էր ավելի ու ավելի փոքր, հետո դիտվում էր որպես թափահարող ձեռք, հետո ընդհանրապես տեսադաշտից անհետացավ։


Աճել բեռնատար վագոնի մեջ

Դա մինչ օրս էլ ինձ ցավ է պատճառում։ Դա հենց նոր իմ գլուխը ետ գցեց բարձերի վրա։ Դա ինձ ստիպում է զգալ իմ հոդերը, սրունքաթաթերն ու ծունկը, դա ինձ վեր է ածում ճռռացողի, ինչը այլ բառերով նշանակում է՝ Օսկարը ստիպված է ատամներով ճռճռացնել, որպեսզի այդ ձևով խլացնի սեփական հոդերի ճռճռոցը։ Ես դիտում եմ իմ տասը մատները և պետք է խոստովանեմ, որ դրանք ուռել են։ Թմբուկի վրա վերջին փորձը հաստատում է․ Օսկարի մատները ոչ թե ուղղակի ուռել են, ներկայումս դրանք ընդհանրապես պիտանի չեն իր մասնագիտության տեր մարդու համար՝ դրանք ունակ չեն փայտիկները բռնած պահել։

Ինքնահոսը ևս չի ցանկանում ինձ ենթարկվել։ Ստիպված կլինեմ խնդրել Բրունոյին, որպեսզի նա ինձ սառը կոմպրես դնի։ Եվ հետո սառը կոմպրեսը՝ ձեռքերիս, ոտքերիս, ծնկներիս, թաց սրբիչը՝ ճակատիս ես ստիպված կլինեմ իմ հիվանդապահ Բրունոյին զինել թղթով ու մատիտով, քանզի իմ ինքնաահոսը չեմ սիրում ուրիշներին տալ։

Պատրա՞ստ է, սակայն, Բրունոն լավ լսել և ունա՞կ է, արդյոք։ Արժանի կդառնա՞ նրա վերապատմումը բեռնատար վագոնով այն ուղևորությանը, որը սկսվեց 1945 թվի հունիսի տասներկուսին։ Բրունոն նստած էր ստվարաթղթի կտորով ու հողմածաղիկներով սեղանի մոտ։ Ահա նա շրջում է գլուխը՝ ինձ ցուցադրելով դրա այն կողմը, որն անվանում են երես, իսկ ինքը հեքիաթային գազանի աչքերով նայում է իմ ձախ կամ աջ կողքով։ Մատիտը բարձրացնելով բարակ ու թթու արտահայտությամբ շուրթերից վեր՝ նա սպասում է պատկերում։ Սակայն եթե նույնիսկ ընդունենք, որ նա իրոք ինձանից բառի է սպասում, սպասում է նշանի, որպեսզի ձեռնամուխ լինի իր շարադրանքին, միևնույն է, նրա մտքերը ծածանվում են մաքրամեի շուրջ։ Նա առասանակներից հանգույցներ է գործում, այն դեպքում, երբ Օսկարի խնդիրն է, բառերը չխնայելով, քանդել իմ խճճված պատմությունը։ Եվ այսպես, Բրունոն գրում է․

Ես, Բրունո Մյունստերբերգս, ծնված Ալտենայում, որը Զաուէրլանդում է, ամուրի եմ, երեխաներ չունեմ, ծառայում եմ տվյալ հատուկ բժշկական հիմնարկության մասնավոր բաժանմունքում։ Պարոն Մացերատը, որը մեկ տարուց ավելի է, ինչ հոսպիտալացվել է, համարվում է իմ խնամառուն։ Ես այլ խնամառուներ ևս ունեմ, սակայն խոսքը նրանց մասին չէ։ Պարոն Մացերատը իմ խնամառուներից ամենաանվնասն է։ Նա երբեք այն աստիճան դուրս չի եկել իրենից, որպեսզի ես այլ հիվանդապահի կանչեմ։ Ճիշտ է, նա մի քիչ չափից ավելի է գրում, քան հարկն է, գրում է ու թմբկահարում։ Որպեսզի իր չափից դուրս չարչարված մատները խնայի, նա այսօր խնդրեց գրել իր փոխարեն և գործելով չզբաղվել։ Այնուամենայնիվ, ես գրպանս մի քիչ առասանակ դրեցի և, մինչ նա պատմում է, ես ներքին վերջույթների օգնությամբ նոր ֆիգուր կսկսեմ, որը, նրա պատմվածքի թեմային համապատասխան, կանվանեմ «Փախստականը՝ արևելքից»։ Դա չի լինի առաջին ֆիգուրը, որը ես կստեղծեմ իմ խնամառուի պատմավածքների հիման վրա։ Մինչ ներկա ժամանակը, ես արդեն առասանակից գործել եմ նրա տատիկին, որն անվանել եմ «Չորսշերտանի հագուստով խնձորը», հյուսել եմ նրա պապիկին՝ լաստանավորդին՝ նրան միգուցե չափից դուրս համարձակությամբ անվանելով «Կոլումբոս», իմ առասանակի օգնությամբ նրա խեղճ մայրիկը «Չքնաղ ձկնակեր» դարձավ, նրա երկու հայրերից՝ Մացերատից ու Յան Բրոնսկուց, ես «Սկատի երկու սիրահարների» մի ամբողջ խումբ հյուսեցի, ահա ես նաև առասանակի մեջ պատկերեցի նրա ընկեր Հերբերթ Տրուչինսկու՝ ողջը սպիներով պատված թիկունքը և իմ մակերևութապատկերը «Անհարթ ճանապարհ» անվանեցի։ Առանձին շենքերը, այնպիսիք, ինչպես Լեհական փոստատունը, Աստիճանավոր աշտարակը, Քաղաքային թատրոնը, Յոգհաուսյան պասաժը, Ծովային թանգարանը, Գրեֆի բանջարեղենի կրպակը, Պեստալոցցիի դպրոցը, Բրյոզենյան լոգարանները, Քրիստոսի սիրտը եկեղեցին, «Տարվա չորս եղանակները» սրճարանը, «Բալթիկ» շոկոլադի ֆաբրիկան, Ատլանտյան ծովապատնեշի բազմաթիվ բունկերները, Փարիզի Էյֆելյան աշտարակը, Բեռլինի Շտետինյան կայարանը, Ռեյմի տաճարը և ոչ վերջին հերթին, այն եկամտային տունը, որտեղ պարոն Մացերատը առաջին անգամ տեսավ լույսը, ես վերապատկերեցի հանգույցը հանգույցին։ Զասպեի և Բրենտաուի գերեզմանատների ճաղավանդակներն ու գերեզմանաքարերը իրենց զարդաքանդակները շնորհեցին իմ առասանակին, հանգույց առ հանգույց ես թողեցի Վիսլայի ու Սենայի հունով, Բալթիկ ծովի ալիքներին, Ատլանտյան օվկիանոսի ալիքներին թույլ տվեցի գործված ափերին բախվելով կոտրվել, առասանակը դարձրեցի կաշուբյան կարտոֆիլի դաշտ ու նորմանդական արոտավայրեր։ Այդ ձևով առաջացած աշխարհի այն անկյունը, որը ես հանուն պարզության անվանում եմ Եվրոպա, բնակեցրի ֆիգուրների խմբերով, ինչպես օրինակ, փոստատան պաշտպանները։ Գաղութային ապրանքների վաճառողները։ Մարդիկ՝ ամբիոնի վրա։ Մարդիկ՝ ամբիոնների դիմաց։ Նվերների հավաքածուով առաջին դասարանցիները։ Թանգարանների բնաջնջվող վերակացուները։ Անչափահաս հանցագործները՝ Ամանորին նախապատրաստվելու ժամանակ։ Լեհական հեծելազորը՝ մայրամուտի ֆոնի վրա։ Մրջյունները պատմություն են կերտում։ Ռազմաճակատային թատրոնը բեմադրում է ունտեր սպաների և զինվորների համար։ Կանգնած մարդիկ, որոնք Տրեբլինկայի համակենտրոնացման ճամբարում ախտահանում են պառկած մարդկանց։ Իսկ այժմ ձեռնամուխ եմ լինում արևելյան փախստականի ֆիգուրին, որը և դա լիովին հնարավոր է, կվերածվի արևելյան փախստականների մի ողջ խմբի։

Քառասունհինգ թվի հունիսի տասներկուսի առավոտյան մոտավորապես ժամը տասնմեկին պարոն Մացերատը դուրս եկավ Դանցիգից, որն այդ ժամանակ արդեն անվանվում էր Գդանսկ։ Նրան ուղեկցում էին այրի Մարիա Մացերատը, որին իմ խնամառուն վկայում է որպես իր նախկին սիրեցյալը, և Կուրտ Մացերատը՝ իմ խնամառուի ենթադրյալ որդին։ Դրանից բացի, ըստ նրա խոսքերի, այդ բեռնատար վագոնում էին գտնվում ևս երեսուներկու մարդ, որոնց թվում՝ իրենց միաբանության հագուստներով չորս ֆրանսուհի միանձնուհիներ և գլխաշորով երիտասարդ աղջիկ, ի դեմս ում, կրկին նրա խոսքերով, նա ճանաչեց ոմն Լյուցիա Ռենվանդի։ Սակայն իմ կողմից տրված մի շարք հարցերից հետո պարոն Մացերատը խոստովանեց, որ այդ անձին Ռեգինա Ռեկ էին անվանում՝ չնայած նա հետագայում էլ չի դադարում պնդել, անանուն եռանկյունի դեմքի մասին, որը նա անփոփոխ Լյուցիա անվամբ է անվանում, ինչը և խանգարում է ինձ այդ աղջկան այստեղ գործել Ռեգինա անվամբ։ Ռեգինա Ռեկը ուղևորվում էր իր ծնողների հետ՝ պապիկի, տատիկի և հիվանդ հորեղբոր, որը բացի սեփական ընտանիքից, իր ետևից արևմուտք էր տանում նաև անուշադրության մատնած ստամոքսի քաղցկեղը, շատ էր խոսում և, դեռ նոր էր գնացքը շարժվել, իրեն անվանեց նախկին սոցիալ֊ժողովրդավար։

Որքանով որ այժմ իմ խնամառուն կարող է վերհիշել՝ ուղևորությունը դեպի Գդինյա, որը չորս և կես տարի անվանվում էր Գոթենհաֆեն, ընթանում էր բավականին հանգիստ։ Օլիվիայից երկու կանայք, բազմաթիվ երեխաներ և Լանգֆուրից տարեց պարոնը լաց էին լինում, ըստ նրա խոսքերի, Սոպոտից հետո ևս, այն դեպքում երբ միանձնուհիները անձնատուր էին լինում աղոթքին։

Գդինյայում եղավ հինգժամյա կանգառ։ Վագոնի մեջ տեղավորեցին երկու կանանց վեց երեխաների հետ։ Սոցիալ֊ժողովրդավարը բողոքեց, որովհետև նախ և առաջ հիվանդ էր, իսկ երկրորդ՝ որպես դեռ պատերազմական ժամանակների սոցիալ֊ժողովրդավար, առանձնահատուկ վերաբերմունք էր պահանջում։ Սակայն լեհ սպան, որը գլխավորում էր փոխադրամիջոցը, նրան ապտակեց, երբ նա չէր ուզում մի կողմ քաշվել և բավականին թռուցիկ գերմաներենով բացատրեց, իբր պատկերացում չունի, թե դա ինչ բան է ընդհանրապես՝ սոցիալ֊ժողովրդավարը։ Պատերազմի ժամանակ նա ստիպված է եղել Գերմանիայի շատ տեղերում լինել, այսպես ուրեմն, «սոցիալ֊ժողովրդավար» բառը նա ոչ մի անգամ ոչ մեկից չի լսել։ Ստամոքսով տառապող սոցիալ֊ժողովրդավարը չհասցրեց լեհ սպային բացատրել Գերմանիայի սոցիալ֊ժողովրդավարական կուսակցության իմաստը, էությունը և պատմությունը, որովհետև սպան հեռացավ վագոնից, դուռը դրսից քաշելով ծածկեց և դրսից փականով փակեց։

Ես մոռացա գրել, որ բոլոր մարդիկ նստել կամ պառկել էին ծղոտի վրա։ Երբ արդեն օրվա վերջում գնացքը կրկին շարժվեց, կանանցից շատերը գոռացին․ «Մեզ ետ են տանում Դանցիգ»։ Սակայն նրանք սխալվում էին, գնացքը ուղղակի տեղափոխել էին այլ ուղի, և այն շարունակեց շարժվել դեպի արևելք, Շտոլպ քաղաքի ուղղությամբ։ Մինչև Շտոլպ գնացինք չորս օր, որովհետև գնացքը ժամանակ առ ժամանակ մե՛կ նախկին պարտիզանները, մե՛կ լեհական անչափահասների ավազակախմբերը կանգնեցնում էին բաց դաշտում։ Անչափահասները քաշելով բացում էին վագոնների դռները՝ մի քիչ թարմ օդ ներս թողնելով, իսկ արդեն փչացած օդի հետ մեկտեղ նրանք վագոնից տանում էին նաև ուղեբեռի մի մասը։ Ամեն անգամ, երբ անչափահասները ներխուժում էին պարոն Մացերատի վագոնը, հատակից վեր էին կենում չորս միանձնուհիները և վեր էին բարձրացնում իրենց վրա կախված խաչերը։ Այդ չորս խաչերը տղաների վրա շատ ուժեղ տպավորություն էին գործում, նրանք իրենց խաչանկնքում էին և դրանից հետո միայն ուղևորների ճամպրուկներն ու ուսապարկերը նետում էին դուրս, հողաթմբի վրա։

Իսկ ահա երբ սոցիալ֊ժողովրդավարը տղաներին ներկայացրեց մի թուղթ, որում դեռ, կամ այն է Դանցիգի, կամ այն է Գդանսկի լեհական իշխանությունները հաստատում էին, որ նա սոցիալ֊ժողովրդական կուսակցության անդամ է, երեսունմեկից մինչև երեսունյոթը վճարել է անդամավճարները։ Նրանք իրենց չխաչակնքեցին, այլ դրա փոխարեն նրա ձեռքից խլեցին, գցեցին թուղթը, վերցրեցին նրա երկու ճամպրուկը, նրա կնոջ ուսապարկը և նույնիսկ մեծ վանդակներով թանկարժեք ձմեռային վերարկուն, որի վրա սոցիալ֊ժողովրդավարը պառկում էր, նրանք դուրս բերեցին Պոմերանիայի մաքուր օդ։

Բայց, այնուամենայնիվ, ըստ պարոն Մացերատի խոսքերի, կողոպտիչները նրա վրա բավականին բարեպատեհ տպավորոըթյուն թողեցին իրենց կարգապահությամբ, ինչի առկայությունը նա վերագրում էր նրանց պարագլխի ազդեցությանը, ոըր, չնայած իր պատանի տարիքին, արդեն գրեթե տասնվեց տարեկանում ներկայանում էր որպես հույժ ազդեցիկ անհատ։ Դա պարոն Մացերատին տանջալիորեն և միաժամանակ հաճելիորեն հիշեցնում էր սրբողների ավազակախմբի առաջնորդին՝ հենց այն Շտյորտեբեքերին։

Երբ Շտյորտեբեքերին այդքան նման այդ երիտասարդը փորձեց քաշելով Մարիա Մացերատից խլել ուսապարկը, ինչը և նրան հաջողվեց, վերջին րոպեին պարոն Մացերատը ուսապարկի միջից հանեց ընտանեկան լուսանկարներով ալբոմը, որը բարեբախտաբար դրված էր ամենավերևում։ Սկզբում պարագլուխը արդեն պատրաստ էր զայրանալ, սակայն երբ իմ խնամառուն բացեց ալբոմը և նրան ցույց տվեց իր Կոլյայչեկ տատիկի լուսանկարը, նա, հավանաբար, վերհիշելով իր տատիկին, բաց թողեց Մարիայի ուսապարկը, երկու մատը կպցրեց իր լեհական քառակող սրանկյուն գլխարկին, Մացերատնրի ընտանիքին դիմելով ասաց․ «Դո վիդյենիա» և, մացերատյան ուսապարկի փոխարեն վերցնելով ուղևորներից ինչ֊որ մեկի ճամպրուկը, լքեց վագոնը։

Ողեպարկի մեջ, որը Մացերատի ընտանիքի համար պահպանվեց շնորհիվ լուսանկարներով ալբոմի, մի քանի սպիտակեղենից բացի, դրված էին տնտեսական գրքերի և գաղութային ապրանքների կրպակի հարկային անդորագրեր, խնայողական գրքույկներ ու սուտակի մանյակ, որը մի ժամանակ պատկանում էր պարոն Մացերատի մայրիկին և իմ խնամառուի կողմից թաքցված էր ախտահանիչ միջոցների տոպրակի մեջ։ Քրեստոմատիան, որի կեսը կազմում էին հատվածներ Ռասպուտինից, կեսը՝ Գյոթեից, նույնպես ողջ ընտանիքի հետ տեղափոխվում էր արևմուտք։

Իմ Մացերատը պնդում է, որ ճանապարհի մեծ մասը ծնկների վրա էր պահում լուսանկարների ալբոմը, հազվադեպ՝ գիրքը, թերթում էր այն, և երկու գրքերն էլ, չնայած հոդերի մասում սարսափելի ցավերին, նրան շատ հաճելի, սակայն նաև շատ մտախոհ ժամեր պատճառեցին։ Ասվածին իմ խնամառուն կցանկանար ավելացնել․ ցնցումն ու ճոճումը, անցումը սլաքների ու խաչմերուկների միջով, բեռնատար վագոնի մշտապես դողդողացող առաջնային լիսեռի վերևում ցցված պառկելը արագացրին իմ աճը։ Ընդ որում, այժմ այն տարածվում էր ոչ թե լայնքով, այլ բարձրություն էր ավելացնում։ Ուռած, սակայն ոչ բորբոքված հոդերը որոշակի ճկունություն էին ձեռք բերում։ Նույնիսկ նրա ականջները, քիթն ու սեռական օրգանները ինչպես այստեղ ինձ հայտնում են, վագոնի ցնցումներից գնացին դեպի մեծացում։ Քանի դեռ էշելոնը առանց խոչընդոտների էր շարժվում, պարոն Մացերատը ակնհայտորեն ցավ չէր զգում։ Միայն երբ գնացքը կանգ էր առնում, որովհետև հերթական անգամ պարտիզանները կամ անչափահասների ավազակախմբերը ուզում էին այցի գալ իրենց, նա, իր խոսքերով, կրկին ծակող ու ձգող ցավ էր զգում, որին, ինչպես վերևում արդեն ասվեց, հակադրվում էր ցավազրկող ալբոմի օգնությամբ։

Բացի լեհ Շտյորտեբեքերից, ընտանեկան ալբոմներով էլի բազմաթիվ անչափահասներ հետաքրքրվեցին, իսկ դրանից բացի, նաև մի տարեց պարտիզան։ Ծեր ռազմիկը նույնիսկ նստեց, սիգարետ ճարեց և մտասույզ սկսեց թերթել ալբոմի էջերը՝ ոչ մի քառանկյունի բաց չթողնելով, սկսեց Կոլյայչեկ պապիկի դիմանկարից, ուսումնասիրեց լուսանկարներով հարուստ ընտանիքի ծաղկումը, ներառյալ սիրողականները, որոնք տիկին Մարիա Մացերատին պատկերում էին մի տարեկան, երկու, երեք և չորս տարեկան որդու՝ Կուրտի հետ։ Իմ խնամառուն սեփական աչքերով է տեսել, թե ինչպես էր նա ժպտում՝ դիտելով այս կամ այն ընտանեկան հովվերգությունը։ Միայն հանգուցյալ պարոն Մացերատի կոստյումների վրայի և պարոն Էլերսի դարձածալերի վրայի, որը Ռամկաուում գյուղական համայնքի ղեկավար էր և ամուսնացավ Լեհական փոստատան պաշտպան Յան Բրոնսկու այրու հետ, մի քանի չափից պարզորոշ երևացող կուսակցական նշանները պարտիզանի մոտ դժգոհություն առաջացրին։ Խնամառուս պարտավոր էր դանակի ծայրով, այդ քննադատաբար տրամադրված պարոնի աչքերի առաջ և վերջինիս լիովին բավարարելով, լուսանկարների վրայից քերել կուսակցական նշանները։

Այդ պարտիզանը, ինչպես ինձ ձգտում է բացատրել պարոն Մացերատը, ի տարբերություն շատ անիսկականների, ամենաիսկական պարտիզան էր։ Քանզի դրանից հետո կհետևի այսպիսի պնդում․ պարտիզանները ժամանակավոր պարտիզաններ չեն լինում, նրանք հավերժ ու անփոփոխ պարտիզանություն են անում, նրանք իշխանության են բերում տապալված իշխանություններին և, համապատասխանաբար տապալում են իշխանությունը, որը հենց իրենց օգնությամբ է եկել իշխանության։ Անուղղելի, ինքնաքայքայման ենթակա պարտիզանները, ըստ պարոն Մացերատի մտքի, ինչը ես ինքս էլ կարող էի հասկանալ, գեղարվեստականորեն առավել շնորհալի մարդիկ են բոլոր նրանցից, ովքեր իրենց նվիրել են քաղաքականությանը, քանզի նրանք անհապաղ հրաժարվում են հենց նոր իրենց կողմից ստեղծվածից։

Այդ նույն բանը ես կարող էի ասել իմ մասին։ Մի՞թե չի պատահում, ընդ որում բավականին հաճախ, որ հենց նոր հերթական գործվածքը գիպսի մեջ ամրացնելով, ես այն ավերում եմ բռուցքիս հարվածով։ Այստեղ ինձ համար հատկապես հիշարժան է պատվերը, որը ես ստացա իմ խնամառուից սրանից մի քանի ամիս առաջ և կայանում էր նրանում, որ ես հասարակ առասանակից գործեի Ռասպուտինին՝ ռուս հրաշագործին, և Գյոթեին՝ գերմանացի բանաստեղծների արքային՝ մեկ դեմքով, և այդ գործվածքը իմ խնամառուի պնդմամբ պետք է հազվագյուտ նմանություն ունենար իր՝ պատվիրատուի հետ։ Չգիտեմ էլ, թե քանի կիլոմետր առասանակ ծախսեցի, մինչև որ այդ երկու ծայրահեղությունները ի վերջո բավարար չափով միավորվեցին մի գործվածքի մեջ։ Սակայն այն պարտիզանի նման, որին պարոն Մացերատը ինձ որպես օրինակ էր բերում, ես մոլորված եմ ու դժգոհ․ ես ձախից քանդում եմ այն, ինչը հյուսում եմ աջից, իսկ այն, ինչ անում է իմ ձեռքը, բռունցքի հարվածով ավերում է իմ աջը։

Այնուամենայնիվ, պարոն Մացերատը ևս չի կարող իր պատմությունը տանել ուղիղ, հավասար գծով։ Էլ չասենք այն չորս միանձնուհիների մասին, որոնց նա փոփոխականորեն անվանում է մեկ ֆրացիսկականներ, մեկ վինցենտականներ, հատուկ դեր է խաղում այն աղջիկը, որը հայտնվեց երկու անվան տակ, սակայն մեկ և միակ, իբր եռանկյունի մռութով՝ ինչպես աղվեսի, շարունակ պայթեցնում է նրա շարադրանքի կտորը և ակնհայտորեն ստիպում է ինձ՝ վերապատմողիս, արձանագրել արևելքից արևմուտք ճամբորդության երկու և, կամ էլ, ավելի շատ վարկածներ։ Սակայն դա իմ ուղղակի զբաղմունքը չէ, և այդ իսկ պատճառով ավելի լավ է ես բռնված մնամ այն սոցիալ֊ժողովրդավարից, որը ողջ ուղևորության ընթացքում ոչ մի անգամ չփոխեց դեմքը, և ավելին, իմ խնամառուի խոսքերով, գրեթե մինչև Շտոլպ, կրկին ու կրկին փորձում էր մնացած ուղևորներին հասկացնել, որ ընդհուպ մինչև երեսունյոթ թիվը, ցուցապաստառներ կպցնելով, նա վատնում էր իր ողջ ազատ ժամանակը և վտանգում իր առողջությունը, որովհետև այն փոքրաթիվ սոցիալ֊ժողովրդավարներից մեկն էր, ով նույնիսկ անձրևի ժամանակ էր կպցնում։

Հենց այդպես էլ նա ողջ ժամանակ խոսում էր, մինչև որ Շտոլպ հասնելուց ոչ շատ առաջ մեր շարժակազմը արդեն որերորդ անգամ կանգնեցվեց, քանի որ բարեհաճեց մեզ այցի գալ անչափահասների հերթական և բավականին մեծաքանակ ավազակախումբը։ Ուղևորների մոտ արդեն գրեթե ուղեբեռ չէր մնացել, և այդ իսկ պատճառով պատանի ավազակները սկսեցին նրանց վրայից հանել հագուստը, սակայն, և դա բավական խելամիտ է, սահմանափակվեցին տղամարդու վերին հագուստով։ Ինչը իր հերթին չէր կարողանում հասկանալ սոցիալ֊ժողովրդավարը, որը գտնում էր, որ միանձնուհիների լայն հագուստից լավ դերձակը կարող է մի քանի հրաշալի կոստյում կարել։ Ընդ որում՝ անձամբ սոցիալ֊ժողովրդավարը աղոթքի արտահայտությամբ տեղեկացրեց այն մասին, որ անձամբ ինքը՝ աթեիստ է։ Իսկ պատանի ավազակները, չնայած որ աղոթքի արտահայտությամբ ոչինչ էլ չհաղորդեցին, սակայն պաշտպանում էին միակ փրկող եկեղեցուն և աչքերը տնկել էին ոչ թե միանձնուհիների շռայլորեն չափված բրդե կտորեղենի, այլ աթեիստի միակողմ կոճակներով կոշտ բրդե կոստյումի վրա։ Իսկ աթեիստը իր կողմից չէր ցանկանում հանել կոստյումը, բաճկոնը և շալվարը, այլ հակառակը, հերթական անգամ ներկայացնում էր սոցիալ֊ժողովրդավարական ցուցապաստառներ կպցնողի իր կարճատև, սակայն հաջող առաջխաղացման մասին, և քանի որ նա ոչ մի կերպ չէր կարողանում ավարտել իր պատմությունը ու դրան գումարած նաև դիմադրում էր, երբ նրա վրայից հանում էին կոստյումը, զինվորական, նույնիսկ վերմախտյան երկարաճիտքով հարվածեցին նրա փորին։

Այդ ժամանակ սոցիալ֊ժողովրդավարն սկսեց ուժեղ, անզուսպ փսխել, հետո նույնիսկ արյուն թքեց։ Եվ այժմ նա ամենևին չէր մտահոգվում իր կոստյումի մասին, իսկ ավազակները կորցրեցին ամեն տեսակի հետաքրքրությունը այդ կտորի հանդեպ, որը չնայած կեղտոտված էր, սակայն հիմնավոր քիմիական մաքրումը առանց դժվարության կարող էր նրան փրկել։ Տղամարդու վերին հագուստից հրաժարվելով՝ նրանք դրա փոխարեն Մարիա Մացերատի վրայից հանեցին արհեստական մետաքսից երկնագույն բլուզը, իսկ դեռատի աղջկա վրայից, որին ամենևին էլ ոչ Լյուցիա Ռենվանդ, այլ Ռեգինա Ռեկ էին անվանում, բերխտեսգադենյան գործած ժակետը։ Այնուհետև նրանք, չնայած ոչ մինչև վերջ, քաշելով փակեցին վագոնի դուռը, և գնացքը շարժվեց սոցիալ֊ժողովրդավարի դանդաղ մոտեցող մահվան ներքո։ Երկու, երեք կիլոմետր, և մինչև Շտոլպ չհասած մեր փոխադրամիջոցը քշեցին, տարան պահեստային գիծ, որտեղ նա կանգնած մնաց ողջ գիշերը, որը չնայած պարզ էր, սակայն իմ խնամառուի խոսքերով, հունիսի համար ցրտոտ էր։

Պարոն Մացերատի պատմածով, հունիսյան այդ գիշերը, անպարկեշտորեն և բարձրաձայն Աստված անարգելով, բանվոր դասակարգին պայքարի կոչելով, ի վերջո, ինչպես կարելի է տեսնել ֆիլմերում, ի պատիվ ազատության կենաց ասելով, վերջապես, փսխելու սուր բռնկումից ցնցվելով, ինչը սարսափով լցրեց ողջ վագոնը, սոցիալ֊ժողովրդավարը, որը չափից դուրս էր գնահատում իր միակողմանի կոճակներով կոստյումը, մահացավ։

Ինչպես հաստատում է իմ խնամառուն, հեծկլտոցներ չեղան։ Լռությունը տիրեց ու կախվեց վագոնի մեջ։ Միայն տիկին Մարիա Մացերատն էր բարձրաձայն չխկչխկացնում ատամները, որովհետև առանց բլուզի մրսել էր, իսկ իր մոտ դեռևս մնացած բոլոր մյուս իրերով ծածկել էր որդուն՝ փոքրիկ Կուրտին ու Օսկարին։ Առավոտյան կողմ երկու աներկյուղ միանձնուհիները հանկարծ գլխի ընկան, որ դրսի կողմից դուռը փակված չէ և, առիթից օգտվելով, վագոնը մաքրեցին, հողաթմբի վրա նետեցին թաց ծղոտը, երեխաների ու մեծահասակների արտաթորանքները, սոցիալ֊ժողովրդավարի փսխած զանգվածները։

Գնացքը Շտոլպում վերահսկում էին լեհ սպաները։ Միաժամանակ բոլոր վագոններում բաժանեցին տաք ապուր և ինչ֊որ մի խմիչք, որը նման էր զինվորական սուրճի։ Վարակներից զգուշանալով՝ այն վագոնից, որով գնում էր պարոն Մացերատը, դուրս բերեցին դիակը և հիվանդապահներին կարգադրեցին այն տանել տախտակների վրա դրած։ Միանձնուհիների միջնորդությամբ սպան հանգուցյալների բարեկամներին թույլատրեց կարճ աղոթք ասել։ Բացի դրանից, նրանք թույլ տվեցին հանգուցյալի հագից հանել կոշիկները, գուլպաներն ու կոստյումը։

Այս մերկացման ընթացքում, ավելի ուշ տախտակի վրա դրված դիակը ծածկեցին ցեմենտի դատարկ պարկերով, իմ խնամառուն հետևում էր հանվածի բարեկամուհուն։ Եվ կրկին աղջիկը, չնայած նրան Ռեկ էին անվանում, նրան միաժամանակ վանելով ու ձգելով, հիշեցնում էր այն նույն Լյուցիա Ռենվանդին, որին ես առասակների օգնությամբ գործել էի որպես «Երշիկով բուտերբրոտներ խժռողուհի» անվանումով գործվածք։ Ճիշտ է, իր կողոպտվող հորեղբորը տեսնելի, նա ձեռքը չառավ երշիկով բուտերբրոդը և այն կեղևի հետ կուլ չտվեց, սակայն դրա փոխարեն ակտիվ մասնակցություն ունեցավ թալանի ժամանակ, ժառանգություն ստացավ հորեղբոր բաճկոնը։ Հագավ բռնագրավված ժակետի փոխարեն և գրպանի հայելու օգնությամբ ստուգեց իր նոր, կարելի է նույնիսկ ասել, իրեն սազող հագուստի արժանիքները՝ ընդ որում, այդ հայելու մեջ ներքաշեց, ինչով էլ հենց բացատրվում է, իմ խնամառուի մոտ մինչ օրս պահպանված անհանգստությունը, նաև նրան ու նրա անկողինը և իր եռանկյունի մռութի աչք֊ճեղքերով սառը սահեց նրա վրայով։

Շտոլպից մինչև Շտետին ճանապարհը երկու օր ժամանակ խլեց։ Ճիշտ է, եղան էլի բավականին հարկադրված կանգառներ և արդեն գրեթե սովորական դարձած դանակներով ու ինքնաձիգներով զինված անչափահասների այցեր, սակայն այդ այցելությունները դեպքից դեպք ավելի կարճատև էին դառնում, որովհետև, ընդհանուր առմամբ, ուղևորներից վերցնելու բան չկար։

Իմ խնամառուն վավերացնում է, որ Դանցիգ֊Գդանսկից մինչև Շտետին ընկած ճանապարհին, այսինքն՝ մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում, նա ինը, եթե ոչ տասը սանտիմետրով աճեց։ Առավել շատ երկարեցին ազդրերն ու սրունքները, իսկ ահա կրծքավանդակն ու գլուխը գրեթե չփոխվեցին։ Դրա փոխարեն, չնայած իմ խնամառուն ճանապարհի ողջ ընթացքում պառկել էր մեջքի վրա, ոչ մի կերպ հնարավոր չեղավ կանգնեցնել փոքր֊ինչ դեպի ձախ և դեպի վեր տեղաշարժված կուզի աճը։ Պարոն Մացերատը ասում էր նաև, որ Շտետինից հետո, այժմ վարում են գերմանցի երկաթուղայինները, ցավերն այն աստիճան ուժեղացան, որ նույնիսկ ալբոմի էջերը թերթելը դրանցից ոչ մի կերպ չէր շեղում։ Նա նույնիսկ ստիպված էր մի քանի անգամ ցավից բարձր ու երկար գոռալ, միան թե այժմ նրա գոռոցը ոչ մի վնաս չէր հասցնում վագոնի ապակիներին․ «Իմ ձայնը կորցրել էր ապակի կտրելու ցանկացած ունակություն»։ Սակայն ձայնը նրա անկողնու մոտ հավաքեց բոլոր չորս միանձնուհիներին, որոնք այդ ժամանակվանից արդեն չընդատեցին իրենց աղոթքները։

Ճանապարհակիցների մեծ մասը, դրանց թվում նաև սոցիալ֊ժողովրդավարի ազգությունը, Շտետինում իջան։ Պարոն Մացերատը ծայրաստիճան ափսոսում էր դրա համար, որովհետև, երիտասարդ աղջկա տեսքը նրան շատ հաճելի և նույնիսկ անհրաժեշտ էր թվում, իսկ աղջկա անհետանալուց հետո նրա մոտ ջերմության բարձրացումով ջղաձգող, մարմինը ցնցող նոպաներ սկսվեցին։ Տիկին Մացերատի խոսքերով, նա հուսալքված կանչում էր մի ոմն Լյուցիայի, իրեն հեքիաթային գազան ու միաեղջույր էր անվանում, վախ էր ցուցաբերում թռիչքից առաջ և տասը մետրանոց ցատկատախտակից թռչելու կիրք։

Լյունեբուրգում պարոն Մացերատին տեղավորեցին հիվանդանոց։ Ջերմությամբ պառկած՝ նա հասցրեց մի քանի քույրերի ճանաչել, սակայն նրան տեղափոխեցին Հաննովերի համալսարանական հիվանդանոց։ Միայն այնտեղ հաջողվեց իջեցնել ջերմությունը։ Պարոն Մացերատը Մարիային ու նրա որդի Կուրտին հազվադեպ էր տեսնում, իսկ ամեն օր տեսնել սկսեց այն ժամանակվանից, երբ նա հիվանդանոցում աշխատանքի անցավ որպես հավաքարարուհի։ Սակայն քանի որ տիկին Մարիայի և փոքրիկ Կուրտի համար բնակվելու համապատասխան տեղ չկար ո՛չ բուն հիվանդանոցում, ո՛չ հարևանությամբ, փախստականների ճամբարում ապրելը ավելի ու ավելի անտանելի էր դառնում։ Տիկին Մարիան ստիպված էր լինում յուրաքանչյուր օրվա երեք ժամը անցկացնել լեփ֊լեցուն գնացքների մեջ, հաճախ երթևեկել ոտնակի վրա կանգնած, այդ աստիճան հեռու էին գտնվում միմյանցից հիվանդանոցն ու ճամբարը, բժիշկները, չնայած մեծ կասկածանքներին, թույլ տվեցին խնամառուին տեղափոխել Դյուսելդորֆի քաղաքային հիվանդանոցներից մեկը, նամանավանդ, որ տիկին Մարիան Դյուսելդորֆ տեղափոխվելու թույլտվություն ուներ․ նրա քույրը՝ Հուստան, որը պատերազմի ժամանակ արդեն ամուսնացել էր այնտեղ բնակվող ավագ մատուցողի հետ, տիկին Մացերատի տրամադրության տակ էր դրել իր երեք սենյականոց բնակարանի մի սենյակը, քանզի անձամբ ավագ մատուցողի համար դեռևս տեղ չէր պահանջվում․ նա գտնվում էր ռուսական գերության մեջ։

Բնակարանը շատ հաջող էր տեղակայված։ Բիլկյան կայարանից դեպի Վերստեն կամ Բենրատ գնացող ցանկացած տրամվայով կարելի էր հարմար ձևով, առանց տրամվայ փոխելու, հասնել մինչև հիվանդանոցային ավան։ Այնտեղ պարոն Մացերատը պառկեց քառասունհինգի օգոստոսից մինչև քառասունվեցի մայիսը։ Եվ ահա արդեն մեկ ժամ նա ինձ պատմում է միաժամանակ մի քանի քույրերի մասին։ Նրանց անվանում էին քույր Մոնիկա, քույր Հելմտրուդ, քույր Վալբուրգա, քույր Իլզե և քույր Գերթրուդ։ Նա վերհիշում է հիվանդանոցային բոլոր֊բոլոր բամբասանքները, չափից մեծ նշանակություն է հատկացնում քույրական նիստ ու կացի մանրամասներին, քույրական համազգեստներին։ Նա ոչ մի բառ չի հատկացնում, որքանով ես հիշում եմ, այն ժամանակվա վատ սննդին, հիվանդանոցային չջեռուցվող սենյակներին։ Ամբողջապես բուժքույրեր, պատմություններ քույրերի մասին, քույրական դժգույն կյանք։ Այնտեղ փսփսում և այնտեղ որպես գաղտնիք պատմում էին, որ իբր թե հենց քույր Իլզեն է ասել ավագ քրոջը, իսկ ավագ քույրը համարձակվել է անմիջապես ճաշի ընդմիջումից հետո համայց կատարել քույրական դասընթացներ անցողների քույրական ընդհանուր ննջարաններով մեկ, իբր թե այնտեղ ինչ֊որ բան է կորել, և առանց պատճառի կասկածել են Դորթմունդից մի բուժքրոջ, իմ խնամառուն, որքան հիշում եմ, նրան անվանեց Գերթրուդ։ Ահա նաև պատմություններ երիտասարդ բժիշկների մասին, որոնք քույրերից կտրոններ ու սիգարետներ էին կորզում, դրանք նա նույնպես շատ մանրամասն է պատմում։ Եվ նախաքննությունն այն դեպքի մասին, երբ լաբորանտուհիներից մեկը, որը նույնիսկ քույր չէր, աբորտ է արել կամ միայնակ, կամ ասիստենտի օգնությամբ, նա ևս մանրամասն պատմելու արժանի է համարում։ Ես բացարձակապես չեմ հասկանում իմ խնամառուին, որն իր խելքը նման պարզունակությունների վրա է վատնում։

Իսկ այժմ պարոն Մացերատը խնդրում է ինձ նկարագրել իրեն։ Ես ուրախ եմ կատարել այդ խնդրանքը և թռչում եմ այսքան թվով պատմությունների վրայից, որոնք նա, այդքան մանրամասն է նկարագրում, քանի որ դրանցում խոսքը քույրերի մասին է։ Իմ խնամակաը մեկ մետր քսանմեկ սանտիմետր հասակ ունի։ Նրա գլուխը, որը չափից դուրս մեծ կլիներ նույնիսկ նորմալ հասակ ունեցող մարդու համար, նստած է ուսերի միջև փոքր֊ինչ ծռված պարանոցի վրա, կրծքավանդակը շատ ուժեղ առաջ է գալիս, ինչպես մեջքը, որը կարելի է ներկայացնել որպես կուզ։ Նա ունի ուժեղ լույս արձակող, խելացի, շարժուն, երբեմն երազկոտ, լայնացող երկնագույն աչքեր։ Դրանից բացի, նա ունի խիտ, փոքր ինչ ալիքվող մուգ խարտյաշ մազեր։ Նա հաճույքով ցուցադրում էր իր մնացած մարմնի համեմատությամբ ուժեղ, հենց իր խոսքերով, գեղեցիկ դաստակներով ձեռքերը։ Հատկապես, երբ պարոն Մացերատը թմբկահարում է, իսկ հաստատության ղեկավարությունը նրան թույլ էր տալիս թմբկահարել, օրական երեքից ամենաշատը մինչև չորս ժամ, թվում է, կարծես նրա մատները միանգամայն ինքնուրույն են գործում և այլ՝ համաչափ մարմնի են պատկանում։ Պարոն Մացերատը ձայնապնակների վրա շատ հարստացավ, նա այսօր էլ է դրանցով փող աշխատում։ Այցելությունների օրերին նրա մոտ հետաքրքիր մարդիկ են լինում։ Դեռ նրա դատավարությունից առաջ, դեռ ավելի վաղ, քան նրան տեղավորեցին մեզ մոտ, ինձ հայտնի էր նրա անունը, քանզի պարոն Մացերատը հանրահայտ դերասան է։ Անձամբ ես հավատում եմ նրա անմեղությանը, և այդ իսկ պատճառով չգիտեմ՝ արդո՞ք կմնա նա մեզ մոտ, թե ևս մեկ անգամ դուրս կգա ազատություն, որպեսզի կրկին, ինչպես և նախկինում, մեծ հաջողությամբ հանդես գա։ Սակայն այժմ ես պետք է չափեմ նրան՝ չնայած ընդամենը երկու օր առաջ եմ դա արել․․․

Հենց նոր Բրունոն իր ծալովի մետրով ինձ չափեց։ Մետրը թողնելով ինձ վրա և արդյունքը բարձր գոռալով, նա լքեց իմ սենյակը։ Նա նույնիսկ վայր գցեց ձեռագործը, որի վրա գաղտնի աշխատում էր իմ պատմելու ժամանակ։ Պետք է ենթադրել, որ նա գնաց բժիշկ ֆրոյլյայն Հորնշտետերի ետևից։

Սակայն մինչ գալիս է ֆրոյլայան բժիշկը, որպեսզի ինձ հայտնի, թե իր չափումներով ինչի հասավ Բրունոն, Օսկարը ուզում է դիմել ձեզ, այն երեք օրերի ընթացքում, որոնց ժամանակ ես իմ հիվանդապահին շարադրում էի իմ աճի պատմությունը, ես երջանկություն ունեցա ավելացնել, եթե միայն դա կարելի է անվանել երջանկություն, մի ամբողջ երկու սանտիմետր։

Այսպիսով, այսօրվանից Օսկարի հասակը մեկ մետր քսաներեք սանտիմետր է։ Այժմ նա կպատմի, թե ինչպես էր ապրում պատերազմից հետո, երբ նրան, խոսողին, դժվարությամբ գրողին, սահուն կարդացողին և չնայած որ տձևացած կառուցվածքով, սակայն մնացածում լիովին առողջ երիտասարդին, դուրս գցեցին Դյուսելդորֆի քաղաքային հիվանդանոցից նրա համար, որպեսզի ես, ինչպես ընդունված է ասել, բժշկական հաստատությունից դուրս գրման ժամանակ, սկսեմ նոր, այժմ արդեն հասուն կյանք։


Գիրք երրորդ

Քարեր ու կայծքարեր

Քնատ բարեհոգի մարմիններ․ Հուստա Տրուչինսկին կարիք չուներ փոխվելու, երբ նա դարձավ Հուստա Քյոստներ, նամանավանդ, որ Քյոստների ազդեցությանն էլ նա ինչ֊որ ձևով կարող էր ենթարկվել միայն իրենց երկու շաբաթյա նշանդրեքի ընթացքում, մինչ նրա Հյուսիսային ռազմաճակատ ուղևորվելը։ Եվ հետո, երբ նրանք պսակվեցին ռազմաճակատային արձակուրդի ժամանակ, և այն էլ՝ ռմբապաստարաններում։ Եվ չնայած Կուրլյանդական բանակի անձնատուր լինելուց հետո Քյոստներից այլևս ոչ մի նորություն չէր գալիս, Հուստան ամուսնու մասին հարցերին պատասխանում էր վստահորեն, ընդ որում ամեն անգամ բութ մատով ցույց էր տալիս խոհանոցի դռան կողմը․ «Նա այնտեղ է, գերության մեջ, Իվանի մոտ։ Երբևէ հետո կվերադառնա և այստեղ ամեն ինչ կփոխվի»։

Փոփոխություններ ասելով, որոնց սպասում էին Քյոստներից իրենց բիլկյան բնակարանում, նկատի ունեին Մարիայի և մասամբ փոքրիկ Կուրտի ապրելակերպը։ Երբ ես դուրս գրվեցի հիվանդանոցից, հրաժեշտ տվեցի հիվանդանոցային քույրերին, խոստանալով երբեմն նրանց այցելել և տրամվայով մեկնեցի Բիլկ, երկու քույրերի և իմ որդի Կուրտի մոտ։ Եկամտային տան երրորդ հարկում, որն այրվել էր ձեղնահարկից մինչև չորրորդ հարկը, ես հայտնաբերեցի սև շուկայի ինչ֊որ մի մասնաճյուղ, որը ղեկավարվում էր Մարիայի ու իր մատների վրա աշխուժորեն հաշվող իմ վեցամյա որդու կողմից։

Մարիան՝ հավատարիմ հոգին, որը Մացերատին նվիրված էր նույնիսկ անօրինական առևտրի մեջ, իրեն նվիրել էր արհեստական մեղրին։ Նա շերեփով հանեց առանց գրությունների դույլերից, արվեստի ստեղծագործությունը շրմփացրեց խոհանոցային կշեռքի վրա և, նոր էի ես շեմից ներս մտել և ընտելացել այս նոր հանգամանքներին, չորս ֆունտանոց փաթեթավորումը վստահեց ինձ։

Իսկ Կուրտը նստել էր պերսիլի արկղի ետևում, կարծես վաճառասեղանի ետևում և չնայած իր առողջացած, տուն վերադարձած հորը արժանացրեց հայացքի, սակայն նրա, ինչպես սովորաբար, ձմռան նման մոխրագույն աչքերը ուղղված էին մի այնպիսի բանի վրա, որը լիովին կարելի էր տեսնել և արժեր դիտել իմ միջոցով։ Իր առջև նա բռնել էր մի թուղթ, նրա վրա շարել էր ենթադրյալ թվերի սյունակներ, ամենաշատը մեկուկես ամիս անցկացնելով լեփ֊լեցուն, չջեռուցվող դպրոցական դասարաններում, նա ձեռք էր բերել մտածողի ու կարիերիստի տեսք։

Հուստա Քյոստները սուրճ էր խմում, ընդ որում բնական, ինչպես նկատեց Օսկարը, երբ նա իմ կողմն էլ գավաթ հրեց։ Մինչ ես զբաղված էի արհեստական մեղրով, նա հետաքրքրությամբ և ոչ առանց իր քրոջ դառը ճակատագրի հանդեպ կարեկցանքի ուսումնասիրում էր իմ կուզը։ Նրա համար դժվար էր տեղում նստած մնալ և իմ կուզը շոյել, քանզի կնոջ համար կուզը շոյելը երջանկություն է խոստանում, իսկ Հուստայի դեպքում երջանկությունը ենթադրվում էր․ Քյոստների վերադարձը, որն ամեն ինչ այստեղ կփոխի։ Սակայն նա զսպեց իրեն, կուզի փոխարեն, չնայած և առանց երջանկության, շոյեց գավաթը և մի քանի հոգոց արձակեց նրանցից, որպիսիք առաջիկա ամիսների ընթացքում ինձ սպասվում էր լսել ամեն օր․ «Վիզս կկտրեմ, եթե Քյոստները չվերադառնա և այստեղ ամեն ինչ չփոխի․ այն էլ ինչպես կփոխի, դուք կտեսնեք»։

Հուստան կտրականապես դատապարտում էր ընդհատակյա առևտուրը, սակայն, այնուամենայնիվ, հաճույքով էր խմում արհեստական մեղրի հետ փոխանակված բնական սուրճը։ Երբ գալիս էին գնորդները, նա լքում էր հյուրասենյակը, քստքստացնում էր խոհանոցում և, ի նշան բողոքի, այնտեղ կաթսաներով դղրդոց էր բարձրացնում։

Իսկ գնորդները շատ էին գալիս։ Անմիջապես իննից հետո, անմիջապես նախաճաշից հետո, սկսում էին անընդհատ զանգելը, կարճ, երկար, կարճ։ Ուշ երեկոյան, մոտավորապես ժամը իննին և հաճախ հակառակ Կուրտի կամքին, որը դպրոցի պատճառով առևտրին կարող է միայն աշխատանքային օրվա կեսը տրամադրել, Հուստան անջատում էր դռան զանգը։

Մարդիկ հարցնում էին․

― Արհեստական մե՞ղր։

Մարիան բարեհամբյուր գլխով էր անում և իր հերթին հարցնում էր․

― Քառո՞րդ, թե՞ կեսը։

Ընդ որում, կային նաև այնպիսի մարդիկ, որոնք մեղր չէին ուզում։ Նրանք հարցնում էին․ «Կայծքարե՞ր», իսկ ի պատասխան Կուրտը, որի պարապմունքները հերթափոխով մի օր առավոտյան էին, մի օր ճաշից հետո, դուրս էր գալիս իր սյունակների միջից, պուլովերի տակից որսում էր փոքրիկ պարկը և զրնգուն֊հանդուգն մանկական ձայնով թվերը սենյակի օդ էր դուրս մղում․ «Երեք, թե, միգուցե, չորսը կվերցնեք։ Ձեր փոխարեն ես կվերցնեի հինգը։ Շուտով հատը քսանչորս կդառնա ամենաքիչը։ Դեռ անցած շաբաթ նրանք տասնութով էին գնում, այսօր առավոտյան ես ստիպված էի արդեն քսան, իսկ եթե դուք երկու ժամ շուտ գայիք, երբ ես դպրոցից հենց նոր էի եկել, ես դեռ կարող էի քսանմեկ ասել»։

Չորս փողոց երկայնքով ու վեցը լայնքով Կուրտը միակ կայծքարեր վաճառողն էր։ Նա իր աղբյուրը ուներ, այդ աղբյուրը նա չէր հայտնում, սակայն միշտ և նույնիսկ քնից առաջ աողթքի պես հասկացնում էր․ «Ես աղբյուր ունեմ»։

Որպես հայր, ես իրավունք ունեի հետաքրքրվել, թե այդ ինչ աղբյուր ունի որդին։ Եվ երբ նա, նույնիսկ չթաքցնելով, իսկ շուտով ինքնագոհ, հայտարարում էր․ «Ես աղբյուր ունեմ», ես անմիջապես հարց էի տալիս․ «Որտեղի՞ց քեզ կայծքարերը։ Հենց այս րոպեին ինձ ասա, թե դա ինչ աղբյուր է»։

Եվ բոլոր այդ երեք ամիսների ընթացքում նույնչափ անփոփոխ էր նաև Մարիայի հակազդեցությունը, երբ ես էլի փորձում էի ինչ֊որ կերպ պարզել աղբյուրը, հակազդեցությունն այդ այսպիսի տեսք ուներ․ «Հանգիստ թող տղային։ Նախ և առաջ դա ամենևին էլ քո գործը չէ և երկրորդ, եթե այնուամենայնիվ, պետք է հարցնել, ապա ես կհարցնեմ, և երրորդ, քեզ հայր մի ձևացրու։ Երկու ամիս առաջ դու դեռ մեջքի վրա պառկած էիր և չէիր կարողանում բացել բերանդ»։

Եթե ես չէի հանդարտվում և չափից դուրս համառորեն էի Կուրտին հարց ու փորձ անում աղբյուրի մասին, Մարիան ձեռքի ափով շխկացնում էր մեղրով դույլին և մինչև արմունկները վրդովվում, միաժամանակ հանդես գալով և՛ իմ դեմ, և՛ Հուստայի դեմ, որը նույնպես երբեմն աջակցում էր աղբյուրը պարզելու իմ փորձին․ «Երկուսդ էլ լավն եք։ Ուզում եք տղայի ողջ առևտուրը փչացնել։ Իսկ ինքներդ ի միջի այլոց, դրանով եք ապրում։ Հենց որ ես մտածում եմ այն մի երկու կալորիայի մասին, որոնք Օսկարին են տալիս հիվանդության պատճառով, և որոնք նա երկու օրվա մեջ սրբում է, ապա ես ուղղակի ուզում եմ լաց լինել, իսկ ես լաց չեմ լինում, ես ծիծաղում եմ»։

Օսկարը չի կարող չխոստովանել․ այդ ժամանակ ես գերազանց ախորժակ ունեի, և միայն Կուրտի աղբյուրի շնորհիվ էր, որն ավելի շատ էր բերում, քան արհեստական մեղրը, որ Օսկարը կարողանում էր աղքատիկ հիվանդանոցային օրաբաժնից հետո ուժ հավաքել։

Ահա թե ինչու պետք է հայրը անհարմար զգալով լռի և գրպանի ծախսի պատշաճ գումարով, որը նա ստանում էր այդ նույն Կուրտի մանկական մեծահոգության շնորհիվ, սկսեց հնարավորին չափ հաճախ լքել Բիլկի բնակարանը, որպեսզի այդ խայտառակության ականատեսը չլինի։

Արդյունաբերական հրաշքը վայելող բազմաթիվ քննադատներ այսօր հաստատում են, և որքան քիչ հիշողություններ է նրանց մոտ պահպանվել, այնքան ավելի հիացական են հնչում նրանց ձայները․ «Օ, դրական ռեֆորմից առաջ եղած զարմանալի ժամանակը։ Այն ժամանակ գոնե ինչ֊որ կյանք կար։ Դատարկ ստամոքսով մարդիկ՝ չնայած այդ ամենին, թատրոնի տոմսի համար հերթ էին կանգնում։ Իսկ հանպատրաստից հանկարծաստեղծ կարտոֆիլի օղիով երեկոները ուղղակի զարմանահրաշ էին, անհամեմատ ավելի հաջողված էին, քան ամեն տեսակի շամպայնով ու դյուժարդենով ֆուրշետները, ինչպես դրանք այսօր են կազմակերպում»։

Այդպես են մտածում հնարավորությունները բաց թողած ռոմանտիկները։ Ես էլ, ճիշտն ասած, պետք է ողբաձայն երգեմ, քանզի այն տարիներին, երբ կար Կուրտի կայծքարի աղբյուրը, ես հազարավոր իմ նմանների հետ, ովքեր ուզում էին վերադարձնել բաց թոցածը կամ լրացնել իրենց կրթությունը, գրեթե անվճար հաճախում էի հանրակրթական դպրոցին կից դասընթացները, դարձել էի «Կամուրջ» անունը կրող Բրիտանական մշակութային կենտրոնի մշտական այցելուն, կոլեկտիվ մեղքի շուրջ բանավիճում էի կաթոլիկների ու բողոքականների հետ։ Ես ինձ մեղսակից էի համարում բոլոր նրանց հետ, ովքեր մտածում էին․ պետք է պարզենք հիմա, որպեսզի դա դեն նետենք մեր ուսերից, և հետո, երբ մեր գործերը կրկին վեր ընթանան, խղճի խայթը մեզ չտանջի։

Դպրոցին եմ համենայն դեպս պարտական իմ, թեև չափազանց համեստ, սակայն միաժամանակ փայլուն թերի կրթությանս համար։ Ես այն ժամանակ շատ էի ընթերցում։ Այն գրքերը, որոնք մինչ ես սկսեցի աճել, լիովին բավարար կլինեին ողջ աշխարհը Գյոթեի ու Ռասպուտինի միջև կիսելու համար, իմ գիտելիքները, որոնք ստացել էի ինը հարյուր չորսից մինչև ինը հարյուր տասնվեցի քյոլերյան Ծովային օրացույցից, ինձ այլևս չէին բավարարում։ Ինչ ասես, որ ես այն ժամանակ չէի ընթերցում։ Ես ընթերցում էի զուգարանում։ Ես ընթերցում էի, ժամերով տոմսի, թերթի հերթերում կանգնած, սեղմված մոցարտյան հյուսքեր ունեցող աղջիկների միջև, ես ընթերցում էի, մինչ Կուրտը կայծքարեր էր վաճառում, ընթերցում՝ արհեստական մեղրը փաթեթավորելիս։ Իսկ երբ լույս չէր լինում, ընթերցում էի ուժեղ մոմերի տակ, շնորհիվ Կուրտի աղբյուրի, մենք մոմեր ունեցանք։

Ամոթ է խոստովանել, սակայն այն տարիների ընթերցանությունը չէր մտնում իմ մեջ, այլ անցնում էր իմ միջով։ Սակայն բառերի մի քանի պատառիկներ, կազմաշապիկների վրայի տեքստերը նստեցին իմ մեջ։ Դե, իսկ թատրո՞նը։ Դերասանների անունները․ Հոպպե, Պետեր, Էսսեր, Ֆլիկենշիլդիի շուրթերի «Ռ»֊ն, թատերական դպրոցի աշակերտուհիները, որոնք թատերական արվեստի դպրոցի բեմահարթակի վրա այդ «ռ»֊ն ավելի լավ էին արտասանում, քան հենց Ֆլիկենշիլդը, Գրյունդգենսը, որն ամբողջապես սև հագած Տասսո էր խաղում։ Կեղծամի միջից հանում էր հեղինակի կողմից գրավոր հրահանգված դափնեպսակը, քանզի «այն այրում է մազերը», և հենց նույն Գրյունդգենսը էլի կրկին սև հագած, սակայն արդեն որպես Համլետ։ Իսկ Ֆլիկենշիլդը դեռ ասում է, որ Համլետը գեր է։ Ինձ վրա տպավորություն գործեց նաև Յորիկի գանգը, քանզի Գրյունդգենսը նրա մասին շատ համոզիչ բառեր էր ասում։ Այնուհետև նրանք չտաքացվող թատերական դահլիճներում, ցնցված հանդիսատեսի առջև «Այնտեղ՝ դռան ետևում» խաղացին, իսկ ես կոտրված ակնոցով Բեկմանի փոխարեն պատկերացրեցի Հուստայի ամուսնուն՝ տուն վերադարձած Քյոստներին, որը, Հուստայի խոսքերով, այստեղ ամեն ինչ կփոխի ու կփակի Կուրտի կայծքարի աղբյուրը։ Այսօր, երբ այդ ամենը մնացել է ետևում, երբ ես հասկանում եմ, որ ետպատերազմյան գինովցած տարիները հենց գինովցած էլ կային ու իրենց ետևից էլ բերեցին սթափությունը, որից կատուները ճանկռում են հոգիդ և, կոկորդները պատռելով, մլավելով, ճշմարտությունն են հռչակում։ Այն, ինչը մեզ համար դեռ երեկ գործ էր կամ ոճրագործություն, արյունոտ ու թարմ, այսօր ես գովքով եմ փոխհատուցում դասերին Գրեթխեն Շեֆլերի «Ուժ ուրախության միջոցովի» հուշանվերների ու ամենատարբեր ձեռագործերի արանքում․ Ռասպուտինին՝ ոչ չափից դուրս, Գյոթեին՝ չափավոր, Դանցիգ քաղաքի կայզերական պատմությանը, Կուսիմայի տակ տեղի ունեցած ճակատամարտում գործի դրված ճապոնական տորպեդավոր մոտորանավակների հանգույցներով արագությանը, այնուհետև Վելիզարիոսին ու Նարսեսին, Տոտիլային ու Տեյային, Ֆելիքս Դանի ճակատամարտին Հռոմի համար։

Արդեն քառասունյոթի գարնանը ես թողեցի և՛ դպրոցը, և՛ Անգլիական մշակութային կենտրոնը, և՛ պաստոր Նիմելերին, երկրորդ հարկաշարքից հրաժեշտ տվեցի Գուստավ Գրյունդգենսին, որը դեռ էլի ծրագրում որպես Համլետ էր հաշվառվում։

Նույնիսկ երկու տարի չէր անցել այն ժամանակվանից, երբ ես Մացերատի գերեզմանի վրա որոշեցի շարունակել իմ աճը, բայց մեծահասակների կյանքն արդեն ինձ այլևս չէր գրավում։ Ես կարոտում էի երեք տարեկանի կորցրածս համաչափություններին, կրկին ուզում էի ունենալ իմ անփոփոխ իննսունչորս սանտիմետրը, լինել ավելի փոքր, քան իմ ընկեր Բեբրան, քան հանգուցյալ Ռոզվիտան։ Օսկարին պակասում էր նրա թմբուկը։ Երկար զբոսանքները նրան բերում էին դեպի հիվանդանոցային ավանի մատույցները։ Քանի որ Օսկարը առանց այն էլ պարտավոր էր ամիսը մեկ անգամ ներկայանալ տրոֆեսոր Իրդելային, որը նրան «հետաքրքիր դեպք» էր համարում, նա ամեն անգամ այցի էր գնում ծանոթ քույրերին, և նույնիսկ երբ նրանք բացարձակապես ժամանակ չունեին նրա համար, այդ սպիտակ, թռչող կտորի կողքին, որը առողջացում կամ մահ էր խոստանում, իրեն հանգիստ և գրեթե երջանիկ էր զգում։

Քույրերը սիրում էին ինձ մանկան պես, սակայն առանց չարության, կատակով ծաղրում էին իմ կուզը, ձգտում էին ինձ մի ինչ֊որ համեղ բանով հյուրասիրել և տեղեկացնում էին իրենց անվերջանալի, խճճված, հաճելի խնդություն ներշնչող հիվանդանոցային պատմությունների մասին։ Ես լսում էի, խորհուրդներ տալիս, ոչ շատ լուրջ գժտությունների դեպքում հանդես էի գալիս որպես միջնորդ, քանզի վայելում էի ավագ քրոջ բայրացակամությունը։ Քույրական խալաթների տակ թաքնված 20-30 աղջիկների համար Օսկարը միակ և, նույնիսկ տարօրինակ ձևով, ցանկալի տղամարդն էր։

Բրունոն արդեն հիշատակել է․ Օսկարը գեղեցիկ, արտահայտիչ ձեռքեր ունի, թեթև ալիքաձև մազեր և Բրոնսկիների ընտանիքի դեռ էլի գայթակղեցուցիչ բավականաչափ երկնագույն աչքեր։ Հնարավոր է, որ իմ կուզը և անմիջապես դնչիս տակից սկսվող և որչափ կորացած, նույնչափ էլ նեղ կրծքավանդակս ստեղծում են հակակշիռ, որը միայն ընդգծում է իմ ձեռքերի, աչքերի գեղեցկությունը, իմ մազերի գրավչությունը։ Համենայն դեպս մեկ անգամ չէ, որ քույրերը, երբ ես նստում էի նրանց սենյակում, բռնում էին իմ ձեռքերը, խաղում էին մատներիս հետ, քնքշություն էին հանդես բերում մազերիս հանդեպ, իսկ դուրս գալիս մեկը մյուսին ասում էր․ «Երբ նայում եմ նրա աչքերի մեջ, կարծես թե դադարում եմ մնացածը նկատել»։

Կարճ ասած, ես ավելի ուժեղ էի, քան իմ կուզը և, անկասկած, կփորձեի հիվանդանոցային պատերի մեջ հաղթանակներ նվաճել, եթե նախկինի պես տնօրինեի իմ թմբուկին, եթե ես առաջվա պես վստահ լինեի իմ բազմակի անգամ հաստատված թմբկահարի տաղանդին։ Ամոթահար եղած, խռովահույզ, չվստահելով իմ մարմնի աղոտ դրդումներին ես, նման քնքուշ նախերգանքներից հետո և գլխավոր գործողությունից խույս տալով, լքում էի հիվանդանոցային ավանը, ինձ ազատություն էի տալիս, զբոսնում էի այգում կամ շուրջ բոլորը մետաղալարե ցանկապատի, որը մանր ու հավասարաչափ ծակոտիներով պաշտպանում էր հիվանդանոցային տարածքը և ինձ էր հղում իր արհամարական անտարբերությունը։ Ես հայացքով ուղեկցում էի տրամվայները, որոնք գալիս էին Վերստեն ու Բենրատ, հեծանվային ուղիներին կից զբոսավայրերում հաճելի ձանձրույթ էի զգում և ծիծաղում էի բնության շռայլության վրա, որը գարուն էր ներկայացնում և, ինչպես դա բնորոշ է տարվա այդ եղանակին, բացում էր բողբոջները։ Իսկ ճանապարհի մյուս կողմում մեր ընդհանուր նկարիչ֊սիրահարը Վերստենյան գերեզմանատան ծառերի վրա յուղաներկի պարկուճից օր օրի ավելի ու ավելի շատ կանաչ գույն ճզմում։ Առաջներում էլ ինձ չափազանց շատ էին գրավում գերեզմանատները։ Նրանք խնամված են, նրանք երկիմաստ չեն, տրամաբանական են, խիզախ, կենդանի։ Գերեզմանատանը կարելի է ուժերը հավաքել ու որոշում ընդունել, միայն այստեղ է կյանքը հստակ ուրվագիծ, (իհարկե, նկատի չունեմ գերեզմանների եզրավորումները) և, եթե կուզեք, իմաստ ձեռք բերում։

Իսկ գերեզմանատան հյուսիսային պատի կողքով ձգվում էր աղոթքի թափորի համար արահետը, և այդ ուղու վրա քար մշակող յոթ արհեստանոցներ միմյանց հետ էին մրցակցում։ Խոշորները, ինչպես օրինակ, Յ․ Շնոոգը կամ Յուլիուս Բեբելը։ Նրանց միջև ամեն կարգի պստլիկները, որոնց անվանում էին Ֆ․ Նայդենրայխ, Յու․ Բոյս, Քյուն և Մյուլլեր և Պ․ Քորնեֆ։ Բարաքի ու քանդակագործի արհեստանոցի միջև ընկած նման մի բան, տանիքների վրայի մեծ կամ այն է՝ նոր ներկված, կամ էլ դեռ ընթեռնելի գրություններ տնօրենի անվան տակ, օրինակ՝ «Գերեզմանաքարեր»։ «Արհեստանոց», կամ «Հուշարձաններ ու ցանկապատներ» կամ «Բնական և արհեստական քարերի ձևավորում» կամ «Տապանաքարի գեղանկարչություն»։ Քորնեֆի խցի վերևում ես կարողացա ընթերցել՝ «Պ․ Քորնեֆ։ Քարտաշ և քանդակագործ»։

Նրա արհեստանոցի և գերեզմանատան միջև տարածքը սահմանափակող մետաղալարե ցանկապատի միջև վեր էին բարձրանում մեկ կամ երկու մասերից կազմված, հայացքին մատչելի պատվանդաններով մեկտեղանոցից մինչև չորս տեղանի, այսպես կոչված, ընտանեկան հուշարձանների նմուշներ։ Անմիջապես ցանկապատի ետևում, արևային եղանակին համբերատարությամբ արտացոլելով նրա նախշի փոքրիկ շեղանկյունները, շարված էին առավել համեստ պահանջարկի համար նախատեսված խեցաքարե տակդիրներ, փայլահղկված դիաբազե պատեր, որտեղ չփայլեցված էին թողնված միայն արմավենու ճյուղերը, տիպիկ ձևով՝ ութանասուն սանտիմետր բարձրության՝ երեխաների փոքրիկ գերեզմանների համար փոքր֊ինչ շերտավոր սիլեզյան մարմարից երեսակված քարեր՝ ուռուցիկ քանդակներով, որոնք արված էին դրանց վերին երրորդ մասում և մեծ մասամբ կոտրված վարդի ցողուն էին պատկերում։ Հետո գալիս էին հռենոսյան կարմիր ավազահանքի ստանդարտ չափսի քարերը, որոնք փոխառնված էին ռմբակոծված բանկերից և առևտրական տներից․ այստեղ տոնում էին իրենց հարությունը, եթե միայն «հարություն» բառը կիրառելի է գերեզմանաքարի համար։ Իսկ այն ցուցահանդեսի կենտրոնում նրա մարգարիտն էր, հուշարձան, որը կազմված էր երեք պատվանդաններից, երկու կողային սալաքարերից ու մեծ, առատորեն նկարազարդված տիրոլյան երկնագույն մարմարե կենտրոնական սալաքարից։ Գլխավոր սալաքարի հարթությունից վեր էր բարձրանում այն, ինչը քարտաշներն անվանում էին «մարմնաքանդակ»։ Այդ մարմնաքանդակի ծնկներն ու գլուխը թեքված են ձախ, փշե պսակ, երեք մեխ, մորուք չկա, ձեռքի ափերը բացված են, կրծքի վերքը ոճավորված արյունահոսում է՝ իմ կարծիքով, ընդամենը հինգ կաթիլ։

Այդ հուշարձաններից բացի, փոքրիկ արահետի երկայնքը պռնկե֊պռունկ լի էր նման բացված, ձախ թեքված մարմնաքանդակներով՝ գարնանային սեզոնի սկզբին երբեմն մի ողջ տասնյակ այդպիսի մարմնաքանդակներ էին բացում իրենց գրկախառնությունը, սակայն քորնեֆյան Հիսուս Քրիստոսը ինձ առանձնահատուկ սրտամոտ դարձավ, քանի որ, դե իհարկե, քանի որ այն բոլորից շատ էր նման ատլետիկ կազմվածքով իմ մարմնամարզիկին, որը մկանները ձգած և կուրծքը փքած կախված էր Քրիստոսի սիրտը եկեղեցու գլխավոր զոհասեղանի վերևում։ Ես ժամերով կանգնած էի մնում այդ ցանկապատի մոտ։ Ես փայտ էի մտցնում փոքրիկ անցքերով ցանցի միջով, աղոտ ցանկություն էի զգում, մտածում էի այլևայլ բաների և ոչ մի բանի մասին։ Իսկ Քորնեֆը երկար ժամանակ ինձ համար մնում էր անտեսանելի։ Նրա խցի մի պատուհանից դուրս էր գալիս վառարանի տանիքից վեր բարձրացող բազմածունկ ծխնելույզը։ Անորակ ածխի աղքատիկ, դեղնավուն ծուխը ձգվում էր վերև, պառկում էր տոլի վրա, դուրս էր հոսում պատուհաններից, հոսում էր ջրահեռացման փողրակի վրայով, կորչում էր չմշակված քարերի, Լանից բերված մարմարե սալաքարերի բեկորների արանքում։ Արհեստանոցի շարժական դռան դիմաց, բազմաթիվ բրեզենտե ծածկոցների տակ, կարծես խոյընթաց, ռմբակոծիչների հրակոծությունից քողարկվելով, երեք անիվների վրա մի մեքենա էր կանգնած։ Արհեստանոցից եկող ձայները՝ փայտը հարվածում էր երկաթին, երկաթը խփում էր քարին, մատնում էին քարտաշի ներկայությունը։

Մայիսին մեքենան ծածկող բրեզենտը անհետացավ, և դուռը մի կողմ էր հրված։ Արհեստանոցի խորքում ես տեսա իրար վրա կուտակված մոխրագույն քարեր, մոխրագույն ֆոնի վրա փայլեցնող հաստոցի կախաղանը, գիպսե մոդելներով դարակները և, ի վերջո, հենց Քորնեֆին։ Նա քայլում էր կռացած և ծնկները ծռած, առաջ թեքված գլուխը պահում էր անշարժ։ Վարդագույն, սև ճարպով ներծծված սպեղանիները պատել էին նրա պարանոցը։ Քորնեֆը փոցխով դուրս եկավ ու սկսեց մաքրել նայելու համար ի ցույց դրված հուշարձանները շրջապատող հողը, որովհետև գարունը եկել էր։ Նա դա անում էր շատ մանրակրկիտ խճքաքարերի վրա թողնելով տարատեսակ հետքեր, հավաքում էր նաև անցած տարվա տերևները, որոնք կպել էին որոշ հուշարձանների։ Արդեն հենց ցանկապատի դիմաց, երբ նա փոցխը խնամքով շարժում էր խեցե քարերից պատրաստված ծաղկամանների և բազալտե ժայռաբեկորների արանքով, ինձ անսպասելիորեն խոցեց նրա ձայնը։

― Դե, տղա, քեզ ինչ է, տանից դո՞ւրս են քշել, թե՞ ոնց։

― Ինձ ձեր քարերն են շատ դուր գալիս, ― շողոքորթեցի ես։

― Բարձր մի ասա, թե չէ ես դրա համար կպատժվեմ։

Միայն հիմա նա մի փոքր բարձրացրեց իր անշարժ կզակը և շեղ հայացքով չափեց ինձ, ավելի շուտ իմ կուզը։

― Էդ ի՞նչ են դրանք քո հետ արել։ Դժվա՞ր է հավանաբար դրա հետ քնելը։

Ես թույլ տվեցի, որ նա մինչև վերջ դիտի, հետո բացատրեցի, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ կուզը խանգարի, որ ես որոշակի ձևով, առավել կարևոր եմ իմ կուզից, որ այնպիսի կանայք ու աղջիկներ են հարմարվում առանձնահատուկ հանգամանքներին և տղամարդու հնարավորություններին, որոնց համար հասարակ ձևով ասած, նման կուզը նույնիսկ հաճելի է։

Դնչով փոցխի փայտին հենվելով Քորնեֆը խորհեց․

― Միգուցե դա այդպես է, որ կա, ես ականջի պոչով լսել եմ ինչ֊որ նման բան։

Հետո Քորնեֆն իր հերթին ինձ պատմեց, թե ինչպես է ինքն ապրել Էյֆելում ու աշխատել գրանիտի քարհանքում և գործ է ունեցել մի կնոջ հետ, որը փայտե ոտք է ունեցել, կարծես թե ձախը, և այն հնարավոր էր վրայից հանել, և այն փայտե ոտքը նա համեմատեց իմ կուզի հետ չնայած, իհարկե, իմ «տուփը» հնարավոր չէ հանել։ Քարտաշը վերհիշեց երկար, հանգամանալից, մանրամասնորեն, ես համբերատարությամբ սպասում էի, մինչև նա ասի, վերջացնի, իսկ կինը իր ոտքը կրկին տեղը դնի, ինչից հետո նրա արհեստանոցը տեսնելու թույլտվություն խնդրեցի։

Քորնեֆը բացեց ցանկապատի վրայի թիթեղյա դռնակը, փոցխով ներս հրավիրելու շարժում արեց կողքի վրա բացվող դռան ուղղությամբ և թույլ տվեց, որ խճաքարը իմ ոտքերի տակ ճռճռա, մինչև որ ինձ պատեց ծծուբի, կրի ու խոնավության հոտը։

Վերևի մասում տափակ, ծանր, տանձաձև փայտե մշտական հարվածներից ծակոտկեն դարձած, փոս ընկած տեղերով թակիչները դրված էին դեռևս կոպիտ, սուր ծայրերով, սակայն արդեն հանքատեղերը միացնող անցքերի վրա՝ չորս կողմերից հարթեցվել էին։ Փայտե մուրճիկները փայտե գլխիկներով, հենց նոր կոփված, դեռևս կոփումից կապույտ հատիչներ, մարմարի համար երկար ու զսպանակվող կետագծիչներ, խեցաքարե սալաքարի վրա միմյանցից հեռու տեղադրված քարհատիչներ էին, փոշին չորանում էր փայտե քառակուսի իշոտնուկների վրա։ Իսկ քարշակների վրա, կողեզրի վրա կանգնեցված տեղափոխման համար պատրաստ կրե պատը՝ յուղոտ, դեղին, ծակ֊ծակ, ասես մեզ մոտ կառուցված, սա մեզ մոտ ակոսատման գործիք է, իսկ սա, Քորնեֆը բարձրացրեց ձեռքի ափի լայնությամբ և երեք քայլ երկարությամբ տախտակը և հայացքով ստուգեց եզրը, իսկ սա հարդարակ։ Սրանով ես սրում եմ առանցքները, երբ նրանք այլևս ակոսը չեն պահում։

Իմ հերթական հարցը ես տվեցի ոչ միայն քաղաքավարությունից դրդված․

― Իսկ դուք պատահմամբ աշակերտներ չե՞ք պահում։

Քորնեֆը անմիջապես սկսեց դժգոհել․

― Ես անգամ հինգին կարող էի պահել, բայց ներկայումս որտեղից դրանց կվերցնես։ Այդ գոնջոտներին այժմ սև շուկան է հետաքրքրում։

Այսպիսով քարտաշը, ինձ նման, հավանություն չէր տալիս այն մութ գործարքներին, որոնք հույս ներշնչող երիտասարդ մարդուն խանգարում են պատշաճ արհեստ ձեռք բերել։ Մինչ Քորնեֆը ինձ ցուցադրում էր տարբեր նուրբ և կոպիտ կարբորունդյան քարերը և սոլնոֆյան սալաքարի վրա դրանց փայլեցման արժանիքները, ես իմ մեջ հասունացնում ու փայփայում էի այսպիսի մի փոքրիկ միտք։ Պեմզան, նախնական փայլեցման համար շոկոլադաշագանակագույն դոճխեժը, որի օգնությամբ այն ամենը, ինչը նախկինում փայլատ էր, հասցնում են փայլելու աստիճանի և առաջվա նման ինձ մոտ էր մնում։ Չնայած առավել պայծառը իմ փոքրիկ միտքն էր։ Քորնեֆն ինձ տառատեսակների նմուշներ ցույց տվեց, պատմեց ուռուցիկի ու գոգավորի մասին, ոսկեջրելու մասին և որ ոսկու հետ կապված ամեն ինչն այնքան էլ սարսափելի չէ․ պարզ է մի բան, որ հնամյա թելերով կարելի է ոսկեջրել և ձիուն, և ձիավորին։ Իսկ դա ինձ մոտ անմիջապես հիշողությանս մեջ առաջ բերեց Դանցիգում, Խոտի շուկայում, դեպի Զանգրուբ արշավող Կայզեր Վիլհելմին, որի երկրի լեհ պահապանները այժմ մտադրվում են ոսկեջրել, սակայն, չնայած ձիու ու թերթավոր ոսկով պատված ձիավորի մասին հիշողությանս, ես չհրաժարվեցի իմ փոքրիկ, ինձ համար առավել արժեքավոր մտքից, ես զվարճանում էի նրա հետ, ես արդեն այն սկսեցի ձևավորել բառերով, մինչ Քորնեֆն ինձ բացատրում էր քանդակագործական աշխատանքների համար եռոտանի կետագծող մեքենայի կառուցվածք՝ մատների ոսկորներով խփելով տարբեր՝ մեկ ձախ, մեկ աջ շրջած խաչելության նմուշօրինակի վրա։

― Ուրեմն դուք կվերցնե՞ք աշակերտ։ ― Իմ փոքրիկ միտքը հունի մեջ ընկավ։ ― Փաստորեն դուք աշակերտ եք փնտրում, այդպե՞ս է։

Քորնեֆը շփեց իր մկնորախտի վրա կպցրած սպեղանիները։

― Ես ուզում եմ հարցնել, դուք, եթե պետք լինի, ինձ ձեզ մոտ աշակերտ կվերցնե՞ք։ ― Հարցն անհաջող էր ձևակերպված, և ես անմիջապես ինձ ուղղեցի․ ― Վախենամ, դուք թերագնահատում եք իմ ուժերը, հարգելի պարոն Քորնեֆ։ Իմ ոտքերն իսկապես էլ թուլոտ են։ Սակայն ձեռքերի հարցում կարող եք չանհանգստանալ։

Սեփական վճռականությունովս աշխուժացած և մինչև վերջ գնալու պատրաստ՝ ես քշտեցի ձախ թևքս՝ Քորնեֆին առաջարկելով շոշափել թեև ոչ մեծ, սակայն, ինչպես ցլի մոտ, ամուր մկաններս, իսկ քանի որ նա չկամեցավ շոշափել, սալաքարի վրայից վերցրեցի հորատադուրը, ակներևության համար այդ վեցանիստ երկաթի կտորին ստիպեցի թռչկոտել իմ երկգլուխ մկանի թմբուկի վրա։ Ցուցադրումը դադարեցրեցի այն ժամանակ միայն, երբ Քորնեֆը միացրեց հարթեցնող հաստոցը, վնգվնգացող կարբորունդի շրջան՝ մոխրագույն կապույտ երանգով, տակդիրի վրա դրված, երկու մասից կազմված, կրե տուֆից քարակոթողի համար և, վերջապես, աչքը հարթեցնող մեքենայից չկտրելով, կրճտոցի միջից գոռաց․

― Դու, տղաս, գիշերն այս մասին լավ մտածիր։ Աշխատանքը հեշտ չէ։ Իսկ եթե միտքդ չփոխես, արի, ինձ մոտ պրակտիկանտի նման մի բան կլինես։

Քարտաշին ենթարկվելով՝ ես ամբողջ յոթ գիշեր վերլուծեցի իմ փոքրիկ միտքը, օր օրի փոքրիկ Կուրտի կայծքարերը համեմատելով փոքրիկ արահետի երկայնքով շարված քարերի հետ, կուլ էի տալիս Մարիայի կշտամբանքները․ «Ախ, Օսկար, դու նստել ես մեր վզին։ Գոնե մի ինչ֊որ գործով զբաղվեիր, թեկուզ թեյով, թեկուզ կակաոյով, թեկուզ կաթի փոշիով»։ Սակայն ոչ մի բանով չէի զբաղվում, ուշադրությամբ լսում էի Հուստայից, որն ինձ օրինակ էր բերում բացակայող Քյոստներին, գովասանքներ սև շուկայի հանդեպ իմ զուսպ վերաբերմունքի համար։ Սակայն շատ էի տառապում իմ որդի Կուրտի վարքագծի համար, որը, թվերի սյունակներ հորինելով և դրանք թղթին հանձնելով, ճիշտ նույն ձևով չէր նկատում ինձ, ինչպես կարողանում էր տարիներով չնկատել Մացերատին։

Մենք նստած էինք ճաշի շուրջ։ Հուստան անջատել էր դռան զանգը, որպեսզի ոչ մի տեսակի գնորդ մեզ չշեղի ճարպով պատրաստված ձվածեղից։ Մարիան ասաց․

― Հասկանո՞ւմ ես, Օսկար, մենք մեզ միայն այն պատճառով կարող ենք սա թույլ տալ, որ ձեռքներս ծալած չենք նստում։

Փոքրիկ Կուրտը շունչ քաշեց։ Կայծքարերը ընկել էին մինչ տասնութ։ Հուստան ուտում էր շատ ու լուռ։ Ես հետևում էի նրա օրինակին, սակայն, չնայած կերակուրը դուր էր գալիս, ինձ միգուցե ձվի փոշու պատճառով, խորապես դժբախտ էի զգում և, կրծմրծելով շպիկի մեջ ինձ ընկած կրճիկը, հանկարծակի, մինչև ականջներիս ծայրը, երջանկության անհրաժեշտություն զգացի։ Չնայած դառը փորձին ես երջանկություն էի զգում, իմ ողջ հոռետեսությունը ոչինչ չէր կարող անել երջանկության երազանքիս հետ, ես ուզում էի անզուսպ երջանիկ լինել և այդ իսկ պատճառով, մինչ մյուսները բավարարվում էին ձվի փոշիով, վեր կացա, մոտեցա պահարանին, կարծես թե երջանկությունը ինձ հենց այնտեղ էր սպասում, փորփորեցի իմ դարակը և գտա ամենևին էլ ոչ երջանկություն, ոչ, սակայն լուսանկարչական ալբոմիս և դասագրքիս ետևում ես գտա պարոն Ֆայնգոլդի ախտահանիչ միջոցի երկու տոպրակ։ Տոպրակներից մեկի միջից որսացի ոչ թե երջանկություն, ոչ, ոչ, այլ հիմնավորապես ախտահանված իմ խեղճ մայրիկի սուտակե մանյակը, որը շատ տարիներ առաջ ձյան հոտ արձակող ձմռան գիշերով Յան Բրոնսկին հանեց ցուցափեղկի միջից, որտեղ Օսկարը, որն այն ժամանակ դեռ լիովին երջանիկ էր և կարողանում էր ձայնով ապակի կոտրել, մի քիչ առաջ կլոր անցք էր բացել։ Զարդը վերցնելով՝ ես լքեցի բնակարանը, ես նրա մեջ տեսնում էի առաջին աստիճանը դեպի․․․ «Ես ուղղվեցի դեպի», ես գնացի դեպի կայարան, քանի որ մտածում էի, եթե ամեն ինչ ստացվի, այդ դեպքում․․․ հետո ես երկար սակարկեցի․․․ համառ և հրաշալի հասակում էի, որ․․․ սակայն մի թևանին և այն սաքսոնացին, որին չգիտես ինչու բոլորը դատական ատենակալ էին անվանում, շատ լավ գիտակցելով գինը, նույնիսկ չէիին էլ կռահում, թե երջանկության համար որքան հասունացած դարձրեցին իրենք ինձ, երբ խեղճ մայրիկիս մանյակի դիմաց ինձ հանձնեցին բնական կաշվից պորտֆելը և տասնհինգ արկղիկ ամերիկյան «Լաքի աթրայք» տեսակի սիգարետ»։

Ճաշից հետո ես կրկին վերադարձա Բլիկ, իմ ընտանիքի մոտ։ Ես ներկայացրեցի տասնհինգ արկղիկ սիգարետները։ Մի ողջ կարողություն, «Լաքի աթրայք» ամեն փաթեթի մեջ քսան տուփ, ուրիշներին զարմանալու հնարավորություն տվեցի, նրանց մոտեցրի թարմ փաթեթավորված ծխախոտի սարը, ասացի՝ սա ձեզ համար է, սակայն այսօրվանից բարի եղեք ինձ հանգիստ թողնել, հուսով եմ, որ սիգարետները հանգստին արժեն և, դրանից բացի, որպեսզի այսօրվանից և յուրաքանչյուր օր ես ունենամ կերակուրով աման, որն այսօրվանից և յուրաքանչյուր օր ես պատրաստվում եմ պորտֆելիս մեջ դրած տանել իմ աշխատավայրը։ Դուք ձեզ համար ձեր արհեստական մեղրով ու ձեր կայծքարերով երջանիկ եղեք, առանց զայրույթի և առանց կշտամբանքի ասացի ես, իսկ իմ արվեստը այլ կերպ է կոչվելու, իմ արվեստը այժմ գրված կլինի տապանաքարերի վրա կամ, մասնագիտական լեզվով ասած, կլինի նրանց վրա փորագրված։

Քորնեֆը ինձ պրակտիկանտ վերցրեց փաստորեն ամիսը հարյուր ռայխսմարկով։ Դա, կաելի է ասել, որ ընդհանրապես ոչինչ էր, բայցևայնպես, ապագայում նա իմ ծախսը հանեց։ Արդեն մեկ շաբաթ հետո պարզվեց, որ քարահանման կոպիտ աշխատանքների համար իմ ուժը անբավարար է։ Ես պետք է հորատադուրով հարթեցնեի չորստեղանոց գերեզմանի համար հենց նոր քարհանքից բերված բելգիական գրանիտի շերտը և արդեն մեկ ժամ անց կարողացա դժվարությամբ բռնել բրիչը ու անզգայացած ձեռքերով գործի դնել փայտամուրճը։ Քարի կտորի տաշվածքը ես ստիպված եղա թողնել Քորնեֆին այն դեպքում, երբ ինքս, բավականաչափ հմտություն ցուցաբերելով, իրականցրի նուրբ մշակումը, պատրաստեցի սղոցի ատամները, երկու անկյունաքարերի օգնությամբ ընտրեցի անհրաժեշտ մշակվածքը, մեկը մյուսի ետևից անցկացրեցի հանքաշերտերը միացնող չորս անցքերը և հետագա մշակման համար կոտրեցի դոլոմիտե եզրաշերտը։ Եզրի վրա է դրված քառակող չորսուն, նրա վրա՝ «T» տառի տեսքով լայնադիր տախտակը, իսկ տախտակի վրա նստած էի ես, աջ ձեռքով՝ քամահրելով Քորնեֆի առարկությունները, որն ինձ ուզում էր աղջիկ դարձնել՝ փայտե տանձերին, բռնիչներին, երկաթյա փայտամուրճերին ստիպում էի դղրդալ ու շռնդալ, որոտալ և միանգամից իր բոլոր վաթսունչորս ատամներով կրծել ու տրոհելով փոշիացնել քարը․ երջանկությունը, չնայած դա իմ թմբուկը չէր, երջանկությունը, չնայած դա ընդամենը փոխարինող էր։ Սակայն չէ՞ որ լիովին ընդունելի է նաև փոխարինող երջանկությունը, միգուցե այն հենց փոխարինման տեսքով էլ գոյություն ունի, երջանկությունը՝ դա միշտ փոխարինող երջանկություն է, այն նստում է շերտերով․ երջանկություն մարմարից, երջանկություն ավազաքարից, Էլբի ավազաքարից, Մեյնի ավազաքարից, քո ավազաքարը, մեր ավազաքարը, կիրհամերյան երջանկություն, գրենցհամերյան երջանկություն, քո երջանկությունը խեցեքարն է։ Կոփված պողպատը երջանկաբար կրծոտելով՝ խրվում էր դիաբազի մեջ։ Դոլոմիտ, կանաչ երջանկություն։ Եվ փափուկ երջանկություն․ տուֆ։ Խայտաբղետ երջանկություն՝ Լանից։ Ծակոտկեն երջանկություն, բազալտ։ Քարացած երջանկություն՝ Էյֆելից։ Երջանկությունը ժայթքում էր ինչպես լավան հրաբուխից և նստում էր փոշոտ շերտերով ու ճռթճռթում էր իմ ատամների արանքում։

Իմ ձեռքը ամենից երջանիկը դարձավ տպատառերը տաշելիս։ Ես նույնիսկ Քորնեֆին թողեցի ետևում, ինձ վրա վերցրեցի քանդակագործական աշխատանքի զարդաքանդակային մասը․ արջանագիլի տերևներ, մանկական քարերի համար կոտրված վարդեր, արմավենու ճյուղեր, քրիստոնեական խորհրդանիշներ, ինչպես, օրինակ PX[13] կամ INRI[14] մատնեքներ, խարիսխներ, կոհակներ, զարդեր, եզրաերեսակներ և կրկնակի եզրաերեսակներ։ Օսկարը ցանկացած գնի գերեզմանաքարերը երջանկացնում էր ամենահնարավոր հատումներով։ Եվ երբ ութժամյա աշխատանքից հետո ես, հենց նոր փայլեցված, սակայն իմ շնչառությունից քրտնած դիաբազի սալաքարի վրա էի թողնում հետևյալ ձևի գրություն․ «Այստեղ Աստծո մեջ է հանգչում իմ թանկագին ամուսինը, նոր տող՝ Մեր բարի հայրը, եղբայրն ու հորեղբայրը, նոր տող Յոզեֆ Էսսետը, նոր տող՝ ծն․ 3.4.1885 մահ․ 22.6.1946 նոր տող՝ «Մահը կյանքի դարպասն է», այդ ժամանակ աչքերովս վերջնական տեքստի վրայով սահելով, ես փոխարինող երջանկություն էի զգում, այսինքն հաճելիորեն երջանիկ էի և շնորհակալ վաթսունմեկ տարեկան հասակում մահացած Յոզեֆ Էսսերին։ Դրա համար կրկին ու կրկին շնորհակալ էի դիաբազի կանաչ ամպիկներին, որոնք վեր էին բարձրանում իմ հատիչի տակ, և իմ շնորհակալությունն էի հայտնում, առանձնահատուկ ջանասիրությամբ Էսսերի գերեզմանաքարի վրա փորագրելով «Օ» տառը, որն առանձնակի սիրելի էր Օսկարին՝ չնայած որ ստացվում էր կլոր ու խնամքով կատարված, սակայն ամեն անգամ մի քիչ ավելի մեծ, քան պետք էր։

Քարտաշի մոտ պրակտիկանտ դարձա մայիսի վերջին, հոկտեմբերի սկզբին Քորնեֆի վրա երկու նոր մկնոռախտ դուրս տվեց, իսկ մենք ստիպված էինք Հետման ու Էլզա Վերբկնեխտների, ծնունդով Ֆրեյթագ, համար պատրաստված կրե պատը հասցնել Հարավային գերեզմանատուն։ Մինչ այդ օրը Քորնեֆը, որը դեռևս իմ ուժերին չէր հավատում, ինձ իր հետ գերեզմանատուն չէր տանում։ Տեղափոխման ժամանակ առավել հաճախ նրան օգնում էր «Յուլիուս Վեբել» ձեռնարկությունից գրեթե խուլ, սակայն մնացածում լիովին բանիմաց մի օգնական։ Իսկ դրա փոխարեն Քորնեֆը երբեք չէր հրաժարվում օգնել, եթե Վեբելի մոտ, որն ամբողջ ութ մարդ էր պահում, աշխատող ձեռքերի պակաս էր զգացվում։ Ես մեկ անգամ չէ, որ գերեզմանատան աշխատանքներում ապարդյուն իմ օգնությունն էի առաջարկում, ինձ ձգում էր այնտեղ չնայած այդ ժամանակաշրջանում գերեզմանատանը որոշում կայացնելու անհրաժեշտություն չկար։ Ի երջանկություն ինձ, սեպտեմբերի սկզբին մոտ Վեբելը դադար չուներ պատվերներից, և այդ իսկ պատճառով մինչև ցրտերի խփելը նա ոչ մի մարդու չէր կարող զիջել։ Այնպես որ՝ ուզես չուզես, Քորնեֆը ստիպված էր օգտվելու իմ ծառայություններից։

Մենք երկուսով կրե սալաքարը մեր եռանիվ բեռնատարի ետևի մասին մոտ գցեցինք, հետո այն դրեցինք գլորանների վրա, գլորեցինք թափք, կողքին հարմարեցրինք պատվանդան, եզրերը պաշտպանեցինք թղթե դատարկ պարկերով, բարձեցինք գործիքները, ցեմենտը, ավազը, խիճը, բեռնաթափման համար գլորաններն ու արկղերը, ես փակեցի թափքի ետևի իջեցված կողը, իսկ Քորնեֆը նստել էր ղեկին ու գոռում էր․

― Էյ, տղա, արագ շարժվիր, վերցրու քո ափսեներն ու ներս մտիր։

Հիվանդանոցային տարածքի դանդաղ շրջանցում։ Կենտրոնական մուտքի մոտ քույրական խալաթների սպիտակ ամպիկներ։ Դրանց մեջ՝ իմ մի ծանոթուհին՝ քույր Գերթրուդը։ Ես ձեռքով եմ անում նրան, նա ի պատասխան թափ է տալիս ձեռքը, երջանկություն է, մտածում եմ ինքս ինձ, կրկին կամ դեռևս նրան պետք է թերևս հրավիրել։ Ճիշտ է, այժմ արդեն ես չեմ տեսնում նրան, որովհետև մենք արդեն գնում ենք Հռենոսի ուղղությամբ, ինչ֊որ տեղ հրավիրել՝ ուղղությունը դեպի Համմ՝ միգուցե կինո կամ թատրոն, Գրյունդգենսին տեսնելու, ահա արդեն այն դեղին աղյուսե շենքն իր ողջույնն է հղում, այո, այո, հրավիրել, պարտադիր չէ թատրոն, դիակիզարանը դուրս է թողնում իր ծուխը կիսամերկ ծառերի վրայով, իսկ ինչպե՞ս եք դուք կարծում, քույր Գերթրուդ, եթե մեկ անգամ, բազմազանության համար։ Ուրիշ գերեզմանատուն, ուրիշ արհեստանոցներ․ գլխավոր դարպասների դիմաց պատվո շրջան՝ քույր Գերթրուդի պատվին․ «Բոյց ու Կրանիխ», «Փոթրգիսերի բնական պարտիզպանություն։ Հոքքելն»։ Ստուգում դարպասների մոտ, գերեզմանատուն թափանցելը ամենևին էլ այդքան հեշտ չէ, համազգեստային գլխարկով աշխատակից, կրաքար երկու հոգու գերեզմանի համար, յոթանասունիններորդ համարը, ութերորդ մաս, Վեբկնեխտ Հերման, ձեռքը դեպի համազգեստային գլխարկի հովհարը, ափսեներով կերակուրը տաքացնելու համար տալ դիակիզարան, իսկ դիահերձարանի առջև կանգնած է նա ինքը՝ Լես Խենթուկը։ Ես Քորնեֆին հարցրեցի․

― Պատահաբար սա, որ սպիտակ ձեռնոցներով է, Լեո Խենթուկը չէ՞։

Քորնեֆը իր պարանոցի մկնորախտերին ձեռք տալով․

― Սա Վիլհելմ Փսլնքոտն է, այլ ոչ թե մի ինչ֊որ Լեո, և նա այստեղ է ապրում։

Կարո՞ղ էի այրդյոք նման պատասխանով բավարարվել։ Չէ՞ որ ես նախկինում ինքս էի եղել Դանցիգում, իսկ այժմ ես Դյուսելդորֆում եմ, բայց ինձ առաջվա պես Օսկար են անվանում։

Մեզ մոտ, գերեզմանատներին կից, կար մի սրա նմանը, և տեսքն էլ այսպիսին էր, իսկ անվանում էին նրան ուղղակի Լեո Խենթուկ, սակայն հենց ամենասկզբում, երբ նրան ուղղակի Լեո էին կոչում, նա սովորում էր հոգևոր գիմնազիայում։

Քորնեֆը՝ ձախ ձեռքը մկնոռախտի վրա, աջը՝ դիակիզարանի դիմաց, պտտում է ղեկը․

― Եվ նույնիսկ շատ հնարավոր է։ Ես լիքը մարդիկ գիտեմ, որոնք բոլորը այսպիսի տեսք ունեն և բոլորը եղել էին սեմինարիաներում, իսկ այժմ ահա ապրում են գերեզմանատանը և այլ կերպ են անվանվում։ Սրա անունը Վիլհելմ Փսլնքոտ է։

Մենք անցանք Վիլհելմի կողքով։ Նա սպիտակ ձեռնոցով ողջունեց մեզ, և ես Հարավային գերեզմանատանը ինձ զգացի ինչպես տանը։

Հոկտեմբեր, գերեզմանատան ուղիներ, հողը կորցնում է մազերն ու ատամները, ես ուզում եմ ասել, որ դեղին տերևները, վերևից ներքև օրորվելով, անդադար լողում են։ Հանգստություն, թռչուններ, անցորդներ, բեռնատարի շարժիչը աշխատում է, մեզ քաշում դեպի ութերորդ մասը։ Մինչև ութերորդը դեռ շատ հեռու է, ճանապարհին՝ ցնցուղներով ու թոռներով լի ծեր կանայք, արևը շվեդական սև գրանիտի վրա է, կոթողներ, կոտրված սյուներ և, կամ էլ, պատերազմի իրական հետքեր, կանաչով պատված հրեշտակ, դեղձենու կամ էլ դրան նման ուրիշ բուսականության ետևում, կինը, կարծես սեփական մարմարի փայլից կուրացած, մարմարյա ձեռքով պատնեշել է աչքերը։ Քարե սանդալներով Քրիստոսը օրհնում է կնձենիներին և ևս մեկ Քրիստոս, չորրորդ հատվածում, այս մեկը կեչիներին է օրհնում։ Չարրորդ ու հինգերորդ հատվածների միջտեղի ծառուղում վերամբարձ մտքեր․ դե, ասենք ծովի մասին։ Եվ այդ ծովը, ի թիվս այլ ընծաների, ափ է նետում ինչ֊որ մեկի մարմինը։ Սոպոտի ծովային նավակառանումից՝ ջութակի ձայներ և, ի օգուտ պատերազմում կուրացածների, հրավառություն կազմակերպելու անվստահ փորձեր։ Որպես Օսկար և որպես երեք տարեկան՝ ես խոնարհվում եմ նրա առջև, ինչը ալիքները նետել են ափ, հուսով եմ, որ դա Մարիան է կամ միգուցե Գերթրուդը, որին ի վերջո պետք էր ինչ֊որ տեղ հրավիրել։ Սակայն դա չքնաղ Լյուցիան չէ, գունատ Լյուցիան, ինչի մասին տեղեկացրեց և ինչը հաստատեց ավարտված հրավառությունը։ Եվ նրա հագին, ինչպես ամեն անգամ, երբ նա չար ծրագիր էր նախապատրաստում, իր բերխտեսգադենյան գործված ժակետն էր։ Ես նրա վրայից հանում եմ այդ բուրդը, բուրդը թաց է, թաց է նաև բլուզը, որը նա հագնում է ժակետի տակից, իմ աչքերի առջև կրկին ծաղկում է բերխտեսգադենյան ժակետը և լրիվ վերջին մոտ, երբ հրավառությունն արդեն ամբողջապես ուժասպառ է եղել և մնացել են միայն ջութակները, ես բրդի տակ, բրդի վրա, բրդի մեջ՝ սպորտային Ա․Ն․Դ․ շապիկի մեջ հայտնաբերում եմ նրա սիրտը, Լյուցիայի սիրտը։ Սառը և փոքր գերեզմանաքարը, իսկ քարի վրա՝ գրություն․ «Այստեղ հանգչում է Օսկարը֊այստեղ հանգչում է Օսկարը֊այստեղ հանգչում է Օսկարը․․․»։

― Մի քնիր, տղա, ― Քորնեֆը ընդհատեց իմ չքնաղ, ծովի կողմից բերված, հրավառությամբ լուսավորված մտքերը։ Մենք թեքվեցինք ձախ, և ութերորդ հատվածը, որը դեռ ամենևին յուրացված չէր, փռվեց մեր դիմաց առանց ծառերի ու հատուկենտ գերեզմաններով, սոված ու տափակ։ Այդ միապաղաղության մեջ հստակ առանձնանում էին իրենց լրիվ նոր լինելու պատճառով բոլորովին չխնամված վերջին հինգ գերեզմանները․ թրջված, անձրևով լվացված, դեղնած տերևներով ծաղկեպսակների թփով սարեր։

Չորրորդ շարքի սկզբում, որն ընդհուպ կպած էր յոթերորդ հատվածին, որտեղ մի քանի արագ աճող երիտասարդ ծառեր, իսկ դրանցից բացի հավասար շարքերով մեծ մասամբ սիլեզյան մարմարից միայնակ սալաքարեր կային, մենք բավականին հեշտությամբ գտանք յոթանասունինը համարը։ Մենք ետևի կողմից մոտեցանք յոթանասունիններորդին, իջեցրինք գործիքները, ցեմենտը, խիճը, ավազը, պատվանդանը և կրե պատը, որը փոքր֊ինչ ճարպոտ փայլ ուներ։

Երբ մենք սալաքարը գլորեցինք տակդիրի գերանների վրա, բեռնատարը մի քիչ վեր֊վեր թռավ։ Քորնեֆը դուրս քաշեց գլխավերևների ժամանակավոր փայտե խաչը, որի սյան վրա շեղակի գրված էր․ «Հ․Վեբկնեխտ և Է․ Վեբկնեխտ», կարգադրեց իրեն տալ բահը և սկսեց գերեզմանոցային օրենքների համաձայն բետոնե սյուների համար փոսեր փորել մեկ մետր վաթսուն սանտիմետր խորությամբ։ Իսկ ես այդ ընթացքում ջուր էի բերում յոթերորդ հատված, բետոնի շաղախ պատրաստեցի և ամեն ինչ հասցրեցի ավարտել, երբ, մեկ մետր հիուն խորանալով, նա ասաց․ «Բավական է», ինչից հետո ես կարող էի զբաղվել երկու փոսերի տափանումով, իսկ Քերնեֆը փնչացնելով նստել էր կրաքարե սալաքարի վրա և ձեռքերը ետ տարած՝ շփում էր մկնոռախտերը։

― Շուտով պատրաստ կլինեն, ես հոտառությամբ եմ զգում, երբ նրանք պատրաստ են և ասում են վերջակետ։

Ես արդեն չէի տափանում, ամեն ինչ տափանել էի և այդ ընթացքում ոչինչ չէի մտածել։ Յոթերորդ հատվածից ութերորդ հատվածի միջով սողալով դեպի իններորդ հատված էր մտնում բողոքական թաղումը։ Երբ նրանք, մեզնից երեք շարք այն կողմ, անցան մեր մոտով, Քորնեֆը սահելով իջավ սալաքարի վրայից, և գերեզմանոցային կանոնների համաձայն, մենք հանեցինք մեր գլխարկները, ծխական քահանայից սկսած և ընդհուպ մինչև ամենամոտ ազգականները։ Դագաղի ետևից լրիվ միայնակ գնում էր մի փոքրիկ, սև, ծուռ կողով կին։ Այնուհետև գալիս էր ավելի բարձրահասակ ու խոշոր ժողովուրդը։

― Դու միայնակ դուռը չես կարող փակել, ― իմ կողքին տնքաց Քորնեֆը։ ― Երևում է, որ նրանք բոլորով ավելի շուտ դուրս կգան, քան մենք կտեղադրենք պատը։

Այնինչ թաղման թափորը հասել էր իններորդ հատվածին, կուտակվել էր մի տեղ և իր որովայնից դուրս էր մղում թռչելով ներթափանցող և նստվածք տվող քահանայի խոսքը։ Այժմ մենք կարող էինք գերեզմանախարիսխը դնել հիմքի վրա, որովհետև բետոնը կպել է։ Սակայն Քորնեֆը փորի վրա լայնքով պառկեց սալաքարի վրա, գլխարկը մտցրեց իր ճակատի ու քարի միջև, ծոծրակը բացելով՝ ետ տարավ բաճկոնի ու վերնաշապիկի օձիգները, իսկ համար ինը հատվածից այդ ընթացքում տեղեկացրեցին հանգուցյալի կյանքից առանձին մանրամասների մասին։ Ես ստիպված էի ոչ միայն բարձրանալ կավաքարե պատի վրա, ես դեռ ստիպված եղա ետևից բարձրանալ Քորնեֆի վրա, և այդ ժամանակ հասկացա, թե ինչն է բանը․ դրանք միանգամից երկուսն էին։ Չափից մեծ ծաղկեպսակով ինչ֊որ մի ուշացած տիպ սլանում էր դեպի իններորդ հատվածը՝ դանդաղորեն իր վերջին մոտեցող քարոզին ընդառաջ։ Սպեղանին պոկելով՝ ես հաճարենու տերևով սրբեցի իխտիոլի քսուկի հետքերը և տեսա մոտավորապես նույն չափսերի սևաշագանակագույն գունավորում ունեցող ու դեղնին խփող երկու կոշտուկները։ «Աղոթենք, եղբայրներ», ― ինձ հասավ իններորդ հատվածից։ Ես դա ընկալեցի որպես նախանշան, գլուխս խոնարհեցի դեպի ուսս, սեղմեցի ու քաշեցի, բութ մատներովս հաճարենու տերևներ սեղմելով «Հայր մեր»․․․, Քորնեֆը ատամներով կրճտացնում էր․ «Դե դու մի սեղմիր, այլ քաշիր․․․», ես զգում էի։ «․․․անունը քո»․ Քորնեֆին հաջողվում էր նույնիսկ աղոթել։ «Եղիցի արքայություն քո․․․»։ Եվ այստեղ ես այնուամենայնիվ սեղմեցի, որովհետև ձգելը չէր օգնում։ «Եղիցի կամք քո․․․»։ Զարմանալի է, որ պայթուն չհետևեց։ Եվ մեկ անգամ ևս․ «․․․և տուր մեզ այսօր․․․»։ Քորնեֆը կրկին միացավ տեքստին․ «Ավելի լավ ստացվեց, քան ես հույս ունեի»։

«Ուժը և փառքը և ամրոցը»։ Ես հանեցի խայտաբղետ մնացորդները։ Ես մեկ անգամ ևս քաշեցի, Քորնեֆը՝ «ամեն», ևս մեկ անգամ սեղմեցի՝ «ամեն», իսկ երբ իններորդ հատվածում անցան ցավակցություններին, Քորնեֆը դեռ էլի շարունակում էր կրկնել «ամեն» և փորի վրա պառկել էր սալաքարի վրա և թեթևացած տնքում էր․ «ամեն» և նաև «Իսկ պատվանդանի համար քեզ մոտ բետոն մնացե՞լ է»։ Բետոն ինձ մոտ մնացել էր, իսկ նա՝ «ամեն»։

Վերջին մի քանի բահը ես լցրեցի որպես երկու սյուների միջև միացում։ Այդ ժամանակ Քորնեֆը ցած սահեց սալաքարից և Օսկարին խնդրեց ցույց տալ իրեն զույգ մկնոռախտների պարունակության գույներով ներկված աշնանային ձևով խայտաբղետ հաճարենու տերևները։ Մենք դրեցինք մեր գլխարկները, ձեռքներս դրեցինք սալաքարի վրա և տեղադրեցինք Պարոն Հերման Վեբկնեխտի ու Էլզա Վեբկնեխտի (ծնունդով Ֆրայտագ) հուշարձանը, իսկ թաղման թափորը այդ ընթացքում դանդաղ լքում էր համար իններորդ հատվածը։


«Ֆորտունա Նորդ»

Այդ ժամանակ գերեզմանի վրա հուշարձան դնել կարող էին իրենց թույլ տալ միայն այն մարդիկ, որոնք երկրի մակերեսի վրա ինչ֊որ արժեքավոր բան էին թողել։ Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լիներ ադամանդ, արմունկի երկարության մարգարտյա փետրամանյակ։ Հինգ հարյուր կիլոգրամ կարտոֆիլի դիմաց կարելի էր պատշաճ չափերի մեկ կտորից կազմված գրենցհայմերյան խեցաքար ձեռք բերել։ Երեք մասից բաղկացած երկու կոստյումի կտոր էր մեզ ապահովում եռակի պատվանդանի վրա բելգիական գրանիտից կրկնակի գերեզմանի հուշարձանը։ Դերձակի այրին, որը կտոր ուներ, դոլոմիտից եզրազարդի համար մեզ առաջարկեց նաև կտորը բերել աշխատավայր, քանի որ նա մինչ օրս ենթավարպետ էր պահում։ Ահա այդպես ստացվեց, որ աշխատանքից հետո Քորնեֆը ու ես տասը համարով մեկնեցինք Շտոկումի կողմը, ներկայացանք այրի Լենետին և թույլ տվեցինք, որ նա մեր չափսերը վերցնի։ Օսկարը, ինչն ինքնըստինքյան բավականին ծիծաղելի է, մինչ այդ ժամանակ հագնում էր Մարիայի կողմից վերակարված հակատանկային դասակի մարտիկի համազգեստ, սակայն բաճկոնը, չնայած որ Մարիան վերակարել էր կոճակները, միևնույն է, իմ ոչ ստանդարտ չափերի պատճառով կրծքի մասում չէր կոճկվում։

Ենթավարպետը, որին այրին Անտոն Լենետ էր անվանում, չափսովս ինձ համար բարակ, գծավոր, մուգ կապույտ բրդից կոստյում կարեց, միակողմ կոճակներով, մոխրագորշ աստառով, ուսերը լավ էին։ Սակայն, որպեսզի կեղծ պատկերացումներ չստեղծեմ՝ թերի էին ձևավորված, կուզս ամենևին քողարկված չէր, այլ հակառակը, զուսպ ընդգծված էր, շալվարս ծալքերով էր՝ չնայած շատ լայն էր․ հագուստի մեջ ինձ համար միշտ որպես օրինակ էր մնում իմ պճնագեղ խրատատու Բեբրան։ Այդ իսկ պատճառով՝ գոտու համար ոչ մի հանգույց, իսկ դրա փոխարեն շալվարակալների համար կոճակներ, ժիլետը ետևից փայլուն, առջևից փայլատ, աստառը՝ թեյի վարդ։ Այդ ամենի վրա անհրաժեշտ եղավ հինգ չափսափորձում։ Երբ դեռ ենթավարպետը նստած էր Քորնեֆի համար երկկողմ կոճակներով ու ինձ համար միակողմ կոճակներով կոստյումների վրա, մի կոշկակարի հարկավոր եղավ քարե մեծաղյուս քառասուներեք թվի ռումբերի տակ զոհված իր կնոջ համար։ Սկզբում նա պատրաստվում էր խաբեբայաբար մեզ արդյունաբերական ապրանքների կտրոններ տալ, սակայն մենք ապրանք ուզեցինք։ Սիլեզյան մարմարից արհեստական քարե եզրազարդով պատրաստի աշխատանքը գերեզմանատուն փոխադրելու համար Քորնեֆը ստացավ մի զույգ մուգ շագանակագույն կոշիկ և մի զույգ կաշվե ներբաններով տնային կոշիկ, իսկ ինձ համար ճարվեց մի զույգ սև, թեկուզ և հնաոճ, սակայն դրա փոխարեն զարմանալիորեն փափուկ, քուղակապերով սապոգներ։ Չափսը երեսունհինգ, դրանք իմ թույլ ոտքերին նրբաճաշակ կայունություն հաղորդեցին։

Իսկ ահա վերնաշապիկներիս հարցը հոգաց Մարիան, որի համար ես կշեռքի նժարի վրա արհեստական մեղրի դիմաց մի կապուկ ռայխսմարկ դրեցի։

― Ասա, դու չէի՞ր կարող ինձ համար երկու սպիտակ վերնաշապիկ գնել, մեկը՝ բարակ գծերով, մեկ հատ բաց մոխրագույն և մեկ շագանակի գույնի փողկապ։ Ինչ֊որ կմնա, թող լինի փոքրիկ Կուրտի կամ քեզ համար, սիրելի Մարիա, թե չէ քո մասին դու երբեք չես էլ մտածում, անընդհատ մյուսների ու մյուսների մասին։

Եվ քանի որ ինձ համակեց նման մեծահոգի բանաստեղծությունը, ես հընթացա Հուստային իսկական եղջուրե բռնակով անրևանոց նվիրեցի և ալտենբուրգյան սկատի համար խաղաթղթերի գրեթե նոր մի կապուկ, քանի որ նա շատ էր սիրում խաղաթղթերը դասավորել, սակայն շատ չէր սիրում խաղաթղթերը հարևաններից փոխ վերցնել, եթե ցանկություն էր ունենում խաղաթղթերին հարցնել, թե ի վերջո երբ կվերադառնա Քյոստները։

Մարիան շտապեց կատարել իմ առաջադրանքը, իսկ մնացած գումարով, և բավականին մեծ, իր համար թիկնոց գնեց, փոքրիկ Կուրտի համար՝ արհեստական կաշվից դպրոցական պայուսակ, որն իր ողջ անճոռնիությամբ հաներձ, լիովին կարող էր ծառայել մինչև լավագույն ժամանակները։ Վերնաշապիկներին ու փողկապներին Մարիան ավելացրել էր երեք զույգ մոխրագույն գուլպա, որոնք ես լրիվ մոռացել էի նրան պատվիրել։

Երբ Քորնեֆն ու Օսկարը եկան պատրաստի կոստյումները ստանալու, մենք շփոթված և միաժամանակ մեկս մյուսիս վրա խորը տպավորություն թողնելով, արհեստանոցի հայելու առջև իրար դիմաց կանգնած քարացանք։ Քորնեֆը նույնիսկ չէր համարձակվում շարժել իր մկնորախտից սպիներով պատված պարանոցը։ Ուսերը իջեցնելով՝ նա կախ գցեց ձեռքերը և փորձեց ուղղել մշտապես ծռված ծնկները։ Իսկ ինձ, նամանավանդ երբ ես ձեռքերս ծալում էի կրծքիս վրա, դրանով իսկ մեծացնելով իմ վերին լայնակի չափսերը, աջ, թույլ ոտքս որպես հենարան առաջ դնելով, իսկ ձախը այնպես անփութորեն խաղացնում էի, նոր հագուստները մի ինչ֊որ ինտելեկտուալ դիվային բան էին հաղորդում։ Քորնեֆին ժպտալով և նրա լուռ հիացմունքից հաճույք ստանալով՝ մոտեցա հայելուն, ես կանգնել էի հարթության դիմաց, որն իմ հայելային անդրադարձը այնքան մոտիկ էր ներառել, որ կարող էր նրան համբուրել, սակայն շունչ արձակեցի ինձ վրա և կարծես իմիջիայլոց ասացի․

― Հելլո, Օսկար։ Իսկ այժմ քեզ փողկապ է պետք։

Երբ մեկ շաբաթ անց, կիրակի օրը, ճաշից հետո, ես ոտքս ներս դրեցի քաղաքային հիվանդանոցի շեմից և այցի գնացի իմ քույրերին, ինձ ներկայացնելով իմ բոլոր լավագույն կողմերով՝ իմ հագին արդեն նոր, սնափառ, պերճաշուք՝ մարգարիտով արծաթավուն փողկապ կար։

Բարի աղջիկները կորցրեցին խոսելու ունակությունը, երբ տեսան, թե ինչպես եմ նստել քույրերի սենյակում։ Դա քառասունյոթի ամռան վերջն էր։ Ես փորձված ձևով ձեռքերս խաչել էի կրծքիս՝ կաշվե ձեռնոցներիս հետ խաղալով։ Քարհատի մոտ արդեն մեկ տարուց ավելի էր, ինչ ես որպես պրակտիկանտ ու մատնեքի վարպետ էի աշխատում։ Ես ոտքս ոտքիս էի գցել՝ սակայն չմոռանալով հոգ տանել շալվարիս ծալքերի մասին։ Բարի Հուստան այնպես հոգ տարավ դերձակի այդ արվեստի ստեղծագործության մասին, կարծես այն պատրաստված էր Քյոստների համար, որը կվերադառնա և ամեն ինչ այստեղ կփոխի։ Քույր Հելմտրուդը ցանկացավ կտորը շոշափել և ոչ թե ուղղակի ուզում էր, այլ նաև շոշափեց։ Քառասունյոթ թվի գարնանը ես փոքրիկ Կուրտի համար, երբ մենք ձվի տնական լիկյորով ու փխրուն կարկանդակներով՝ բաղադրությունը այսպիսին է․ պետք է վերցնել․․․ նշեցինք նրա ծննդյան յոթերորդ տարեդարձը, գնեցի մկնամոխրագույն բրդե վերարկու։ Քույրերին, նրանց միացավ նաև Գերթրուդը՝ ես կոնֆետներ հյուրասիրեցի, որն ինձ բերել էր դիաբազե սալաքարը՝ քսան կիլոգրամ չմաքրված շաքարից բացի։ Իմ կարծիքով, փոքրիկ Կուրտը չափից դուրս հաճույքով էր գնում դպրոց։ Ուսուցչուհին, դեռևս ուժասպառ չէր եղել ու ոչնչով չէր հիշեցնում տիկին Շպոլենհաուերին, նրան շատ էր գովում, ասում էր, որ նա լուսավոր գլուխ ունի, սակայն որ նա չափից դուրս լուրջ է։ Ինչպես են կարողանում ուրախանալ բուժքույրերը, երբ նրանց կոնֆետ են հյուրասիրում։ Կարճ ժամանակով սենյակում քույր Գերթրուդի հետ առանձին մնալով ես հետաքրքրվեցի, թե որ կիրակիներին է նա ազատ։

― Օրինակ, դե հենց այսօր։ Ես հինգին եմ ավարտում։ Սակայն չէ՞ որ քաղաքում ոչ մի հետաքրքիր բան չկա էլ, ― սաստիկ ափսոսանք հայտնեց քույր Գերթրուդը։

Ես գտնում էի, որ արժե այնուամենայնիվ փորձել։ Սկզբում նա նույնիսկ չէր էլ ուզում փորձել, այլ ուզում էր գոնե մեկ անգամ, ինչպես հարկն է, քնել։ Այդ ժամանակ ես դեն նետեցի ավելորդաբանությունները, բարձրաձայն հայտնեցի իմ հրավերքը, և քանի որ նա դեռևս չէր կարողանում որոշում կայացնել, բացատրեցի խորհրդավոր բառերով․

― Մի քիչ նախաձեռնություն, քույր Գերթրուդ։ Կյանքում մեկ անգամ ես երիտասարդ լինում։ Իսկ թխվածքների կտրոնների գործը գլուխ կբերենք։

Ասածս ընդգծելով՝ ես թեթևակի թխկացրեցի իմ ծոցագրպանին, նրան էլ կոնֆետներ առաջարկեցի և տարօրինակ ձևով փոքր֊ինչ վախեցա, երբ մի փոքր կոպիտ վեստֆալուհին, որը, ճիշտն ասած, ամենևին էլ իմ ճաշակով չէր, դեմքով դեպի դեղերի արկղիկը շրջվելով, թոթովեց․

― Դե, եթե դուք այդպես եք մտածում, այդ դեպքում՝ լավ։ Ասենք, վեցին, սակայն ոչ այստեղ, այլ, ասենք, Կորնելիուսպլացում։

Ես ինքս էլ երբեք քույր Գերթրուդից ճեմասրահում կամ կամ գլխավոր մուտքի դիմաց ժամադրություն չէի պահանջել։ Ահա թե ինչու ժամը վեցին սպասում էի նրան այդ ժամանակ դեռևս պատերազմից հետո չվերանորոգված և ընդհանրապես ժամանակ ցույց չտվող Կոռնելիուսպլացի ժամացույցի տակ։ Նա եկավ րոպեի ճշտությամբ, ինչը կարող էի տեսնել ոչ այնքան թանկարժեք գրպանի ժամացույցի օգնությամբ, որը մեկ֊երկու շաբաթ առաջ էի ձեռք բերել։ Ես նրան նույնիսկ անմիջապես էլ չճանաչեցի, քանզի եթե ես հասցնեի նրան տեսնել, երբ դիմացի կանգառում, այդտեղից մոտ հիսուն քայլի վրա, իջնում էր տրամվայից, ապա կթաքնվեի ու խորը հիասթափությամբ լի կփախչեի, քանզի քույր Գերթրուդը ներկայացավ ոչ թե որպես քույր Գերթրուդ, ոչ թե խաչ պատկերող բրոշը կրծքին, սպիտակ վերնազգեստով, այլ որպես ամենասովորական, էժանագին ճաշակի անհրապույր հագուստ հագած ֆրոյլայն Գերթրուդ Վիլմս՝ Համմից կամ Դորթմուդից կամ Դորթմունդի ու Համմի միջև ընկած էլի ինչ֊որ տեղից։

Նա իմ հիասթափությունը չնկատեց, այլ դրա փոխարեն տեղեկացրեց, որ քիչ էր մնում ուշանար, որովհետև ավագ քույրը, զուտ վնասարարությունից դրդված, ժամը հինգին մոտ իրեն ինչ֊որ առաջադրանք էր տվել։

― Եվ այսպես, քույր Գերթրուդ, դուք թույլ կտա՞ք, որ ես նախաձեռնություն դրսևորեմ։ Միգուցե, սկսենք ամենահասարակից՝ սրճարանից, իսկ հետո՝ ի՞նչ եք դուք ուզում․ գուցե կինո՞։ Թատրոնի տոմս արդեն չի ճարվի, իսկ միգուցե, ընդհանրապես ուղղակի գնանք պարենք։

―Այո֊այո, գնանք պարելու, ― հրճվեց նա և միայն ուշացումով, իր վախը դժվարությամբ թաքցնելով, հանկարծ հիշեց, որ որպես պարընկեր, ես՝ չնայած լավ հագնված, մնացածում աներևակայելի երևույթ եմ ներկայացնում։

Ոչ առանց չարախնդության, ախր ինչո՞ւ, ինչու նա չեկավ իմ կողմից այդքան բարձր գնահատվող քույրական խալաթով, ես աջակցեցի նրա կողմից արդեն հավանության արժանացած ծրագրին, և նա երևակայության անբավարարության պատճառով շուտով մոռացավ իր բոլոր երկյուղները, ինձ հետ միասին կերավ, ես մի կտոր՝ նա երեք կտոր տորթ, որը հավանաբար թխված էր ցեմենտից։ Այնուհետև, այն բանից հետո, երբ ես կտրոններով ու կանխիկ գումարով վճարեցի, Վերխանի մոտի Կոխում ինձ հետ միասին նստեց տրամվայ, որը մինչև Հերեզհայմ էր գնում, քանի որ, եթե հավատանք Քորնեֆի խոսքերին, Գրաֆենբերգից այն կողմ ամենուրեք պատ էր։

Ճանապարհի վերջին կտորը՝ դեպի սար, քանի որ վերջին կանգառը հենց վերելքից առաջ էր, մենք ոտքով հաղթահարեցինք։ Սեպտեմբերյան երեկոն կարծես պատվերով էր։ Գերթրուդի փայտե սանդալները, այդպիսիք կան ազատ վաճառքում, կտկտացնում էին գերանի մոտի ջրաղացի պես։ Դա ինձ ուրախ տրամադրություն հաղորդեց։ Սարից իջնող մարդիկ, բոլորը շրջվում ու մեր ետևից էին նայում։ Օրիորդ Գերթրուդը շատ էր ամաչում, իսկ ես սովոր էի դրան և ուշադրություն չէի դարձնում։

― Դե, եթե այդչափ գռեհկանայի, այդ իմ կտրոններով էին վճարվել փոքրիկ Կուրտի հրուշակեղենի սրճարանում երեք կտոր տորթերը։

Պարասրահը «Վեդիգ« էր կոչվում և դրանից բացի կրում էր լրացուցիչ «Առյուծի ամրոց» անունը։ Դրամարկղի մոտ մեզ դիմավորեց քմծիծղը, իսկ երբ մենք ներս մտանք՝ մեր կողմը շրջված գլուխները։ Քույր Գերթրուդը իր քաղաքացիական հագուստով պատրաստ էր ամոթից այրվել և քիչ մնաց ոտքը ծալովի աթոռին կպչելուց ընկներ, եթե ես մատուցողի հետ միասին չհասցնեի նրան բռնել։ Հենց նա էլ մեզ տարավ դեպի պարահրապարակին մոտ սեղանը, և ես մեր երկուսի համար պատվիրեցի մեկական բաժակ սառը բան։ Ընդ որում՝ ցածր ձայնով, որպեսզի մատուցողից բացի ոչ ոք չկարողանա լսել, ավելացրեցի․ «Խնդրում եմ, իր լրացումով»։

Ըստ էության «Առյուծի ամրոցը» բաղկացած էր մեկ դահլիճից, որտեղ նախկինում, հավանաբար, ձիավարության դպրոց էր տեղակայված։ Նախկին դիմակահանդեսից մնացած թղթե օձերի ու ծաղկաշղթաների օգնությամբ հաջողվել էր ինչ֊որ կերպ քողարկել վերևի մասը, այսինքն՝ բավականին աղտոտված֊սևացած առաստաղը։ Կիսակույր և ներկված լապտերները պտտվում էին, երիտասարդ, հաճախ բավականին պերճաշուք վերավաճառողների հարթ սանրված մազերի ու աղջիկների, որոնք բոլորը ակնհայտորեն ճանաչում էին իրար, նրբադիպակե բլուզների վրա լուսնային ստվեր գցելով։

Երբ մատուցեցին կցորդով սառը ըմպելիքը, ես մատուցողից տասը ամերիկյան սիգարետներ հայթայթեցի, մեկը առաջարկեցի քույր Գերթրուդին, մեկը՝ մատուցողին, որն այն անմիջապես մտցրեց ականջի ետևը և, նախապես իմ ընկերուհուն կրակ տալով, հանեցի Օսկարի սաթե ծխափողը, որպեսզի կիսով չափ, սակայն ոչ ավելին, «Քեմել» ծխի։ Կողքի սեղանի շուրջ անհանգստությունը հանդարտվեց։ Քույր Գերթրուդը համարձակվեց աչքերը բարձրացնել։ Եվ երբ ես մոխրամանի մեջ հանգցրեցի դեռևս բավականին մեծ սիգարետս, քույր Գերթրուդը արհեստավարժ շարժումով այն վերցրեց և մտցրեց իր վանդակավոր պայուսակի մեջ։

― Դորթմունդի իմ փեսացուի համար է, ― բացատրեց նա, ― նա ուղղակի խելագարի նման է ծխում։

Ես ուրախացա, որ պարտավոր չեմ նրա փեսացուն լինել և նաև, որ երաժշտությունը սկսվեց։

Հինգ հոգիանոց ջազը սկսեց «Do not Fence me in»֊ը։[15] Կաուչուկե ընթացքով շեղությամբ պարահրապարակի միջով շտապող տղամարդիկ ճանապարհին իրար չբախվեցին և իրենց հետ տարան աղջիկներին, որոնք, տեղներից վեր կենալով, իրենց պայուսակները ի պահպանություն հանձնում էին ընկերուհիներին։

Հրապարակի վրա արդեն մի քանի զույգեր էին հայտնվել, որոնք պարում էին բավականին հեշտ, կարծես պարային դպրոցից հետո։

Շարժման մեջ մտան բավականին շատ մաստակի փոքրիկ տուփեր, որոշ տղաներ նույնիսկ մի քանի տակտով ընդհատում էին պարը և տեղում անշտապ ոտքերը շարժող իրենց աղջիկների ուսերից բռնելով՝ հռենոսյան բարբառով անգլիական բառերը թթխմորի դերով էին օգտագործում։ Մինչ զույգերը կրկին կսկսեին պարել, փոքրիկ տուփերը ձեռքից ձեռք էին անցնում․ լավ վերավաճառողը առանց ընդմիջման է աշխատում։ Մենք այդ պարը բաց թողեցինք, հաջորդը, ֆոքսը՝ նույնպես։ Ժամանակ առ ժամանակ Օսկարը նայում էր տղամարդկանց ոտքերին, հետո, երբ խումբը նվագեց «Ռոզամունդան», հրավիրեցի քույր Գերթրուդին, որը վճռականապես չգիտեր, թե որ աշխրհում է ինքը։

Վերհիշելով Յան Բրոնսկու պարարվեստը՝ ես, չնայած որ երկու գլուխ ցածր էի քույր Գերթրուդից ու գիտակցում էի մեր զույգի գրոտեսկային տեսքը, նույնիսկ այդ տեսքը ընդգծելու ցանկություն ունեցա և այդ իսկ պատճառով որոշեցի սկսել ուանստեպից։ Ես բռնել էի նրա ազդրերից, նա մեղմաբարո թույլ էր տալիս իրեն տանել, ափս շրջել էի դուրս, այտովս գրեթե հպվելով նրա բլուզին, ձեռքիս տակ զգում էի երեսուն տոկոսանոց բուրդը, ամրակազմ քույր Գերթրուդին թիկունքով առաջ էի հրում, փորձում էի գնալ նրա հետքերով, մեր չճկվող դաստակները տարա դեպի ձախ և դրանով մեզ համար ավելի շատ տեղ պահանջեցի՝ շարժվելով դահլիճի մի անկյունից դեպի մյուսը։ Նույնիսկ ավելի լավ ստացվեց, քան ես կարող էի հուսալ։ Ես տարատեսակությունների համարձակություն ունեցա, վերևում բլուզին չէի դավաճանում, իսկ ներքևում նրա կայուն ու հուսալի ազդրերից վազում էի մեկ ձախ, մեկ աջ, ես նրան պարացրեցի, պարելով հոգնեցրի։ Ընդ որում, չհրաժարվելով ուանստեպի դասական շարժումներից, որոնք կոչված էին տպավորություն թողնել․ այժմ տիկինը կընկնի ետ, իսկ պարոնը, որը ցանկանում է նրան ետ գցել, ինքը կընկնի առաջ, և սակայն նրանք չեն ընկնում, որովհետև գերազանց ուանստեպ են պարում։

Շուտով մեզ մոտ հանդիսականներ հայտնվեցին։ Ես լսում էի գոռոցներ, ինչպես օրինակ․ «Ես քեզ ասում էի, որ սա Ջիմին է։ Ապա մի Ջիմիին նայիր։ Հելլո, Ջիմի։ Come on, Jimmi! Lets go, Jimmi!»։[16]

Ցավոք, ես չէի կարող տեսնել քույր Գերթրուդի դեմքը, ես միայն ինձ սփոփում էի այն հույսով, որ ամբոխի հիացմունքները նա հանգիստ և միևնույն ժամանակ հպարտ է ընդունում, ինչպես երիտասարդության կողմից հավանություն, որ նա իրեն չկորցրեց այդ իրավիճակում, ինչպես չի կորցնում երբեմն իր խնամառուների անշնորհք խոստումները լսելիս։

Երբ մենք նստեցինք, ծափահարությունները դեռ չէին թուլացել։ Խումբը զիլ֊զիլ, ընդ որում բոլորից շատ առանձնանում էր թմբկահարը, տուշ էր նվագում, և մեկ անգամ ևս տուշ, և ևս մեկ անգամ։ Հնչում էին գոռոցներ՝ «Ջիմի» և «Դու այդ երկուսին տեսա՞ր»։ Այդ ժամանակ քույր Գերթրուդը վեր կացավ, ինչ֊որ բան թոթովեց «զուգարան գնալու» մասին, վերցրեց իր դորթմունդյան փեսացուի համար սիգարետի մնացուկով պայուսակը և խեցգետնի նման կարմիր, սեղանիկների ու աթոռիկների միջով, անխտիր ամեն ինչին դիպչելով, անցավ զուգարանի կողմը, որը գտնվում էր խոհանոցի կողքին։

Նա չվերադարձավ։ Այն փաստից, որ գնալուց առաջ նա մի շնչով խմեց իր բաժակը, ես պետք է հետևություն անեի, որ դա հրաժեշտ է նշանակում․ քույր Գերթրուդը ինձ թողեց հիմար վիճակում։

Դե, իսկ Օսկա՞րը։ Ամերիկյան սիգարետը սաթե ծխափողի մեջ, մատուցողին, որը նրբանկատորեն քրոջ մինչև վերջ խմած բաժակը, պատվիրել էր «լրացում» առանց ընպելիքի, որքան էլ դժվար լինի, Օսկարը ժպտում էր։ Հիվանդագին՝ սակայն ժպտում էր, վերևում ձեռքերը խաչած, ներքևում, ոտքը ոտքին գցած, շարժում էր երեսունհինգ չափսի նրբաճաշակ սև սապոգը և վայելում էր լքվածի առավելությունը։

«Առյուծի ամրոցի» մշտական այցելուները, երիտասարդ հյուրերը իմ նկատմամբ շատ բարեհամբյուր էին, աչքով էին անում, պարելով լողում էին իմ կողքով, «Hallo», ― գոռում էին տղաները, «Take of casy», ― խորհուրդ էին տալիս աղջիկները։ Իմ ծխափողով ես շնորհակալություն էի հայտնում իրական մարդասիրության ներկայացուցիչներին և հանդուրժողաբար «հըմ» արեցի, երբ հարվածային գործիքներ նվագողը մանր ու արագ թմբկահարեց ու ինձ հիշեցրեց ամբիոնի տակ եղած հին, բարի ժամանակների մասին, փոքր թիթեղի ափսեների, թմբուկների ու եռանկյունու վրա սոլո պատկերեց, ինչից հետո հայտարարեց սպիտակ պար։

Խումբը կրակ կտրեց, կատարեց «Jimmi the Tiger»֊ը։ Հավանաբար ինձ նկատի ունեին՝ չնայած, իհարկե, «Առյուծի ամրոցում» ոչ ոք նույնիսկ չէր կասկածում ամենատարբեր ամբիոնների տակ թմբկահարի իմ կարիերայի մասին։ Բոլոր դեպքերում, պատանի, սնդիկի պես ճարպիկ, հինայով ներկած մազերով էակը, նա, որը ինձ սպիտակ պարի պարընկեր ընտրեց, անընդհատ իմ ականջին «Jimmi Tiger» էր երգում՝ ծխելուց խռպոտած և մաստակից ձգված ձայնով։ Եվ մինչ մենք ճարպկորեն, կախարդանքով ջունգլիներին ու վտանգներին կանչելով, դրանց հետ կապված, «Ջիմի֊վագր» էինք պարում, վագրը քայլում էր իր վագրային փափուկ թաթերի վրա, և դա շարունակվեց մոտավորապես տասը րոպե։ Եվ կրկին եղան տուշ ու ծափահարություններ, և կրկին տուշ, որովհետև իմ կուզը պատշաճ հագնված էր, և անձամբ ես էլ ոտքերով հմտորեն էի աշխատում և «Ջիմի֊առյուծի» դերում վատ չէի նայվում։ Ես իմ նկատմամբ բայրացակամորեն տրամադրված տիկնոջը հրավիրեցի իմ սեղանի մոտ, և Հելման, քանզի այդպես էին նրան կոչում, թույլտվություն խնդրեց իր ընկերուհի Հանելորին բերելու համար։ Հանելորը բավականին լռակյաց անձնավորություն էր, անշարժ էր և նաև նա շատ էր խմում։

Իսկ Հելման նախապատվությունը տալիս էր ամերիկյան սիգարետներին, և ես մատուցողին ստիպում էի կրկին բերել դրանք։

Երեկոն շատ հաջողվեց։ Ես «Հեբաբերիբա», «Բարձր տրամադրությամբ», «Փոքրիկ սրբողն» էի պարում, պարերի միջև շատախոսում էի, հյուրասիրում էի երկու ոչ պահանջկոտ աղջիկներին, որոնք ինձ տեղեկացրին, որ աշխատում են Միջազգային հեռախոսային կայանում, Գրաֆ֊Ադոլֆ֊պլացի վրա, որ ամեն շաբաթ և ամեն կիրակի «Առյուծի ամրոցում» ավելի շատ աղջիկներ են լինում։ Ամեն դեպքում գոնե իրենք որ ամեն շաբաթ այստեղ են լինում, եթե, իհարկե, չեն հերթապահում, և ես իմ կողմից ևս նրանց խոստացա ավելի հաճախ լինել այստեղ, որովհետև նրանք երկուսն էլ շատ լավիկն են։ Նաև այն պատճառով, որ ես ինձ մի փոքր բառախաղ թույլ տվեցի, և աղջիկները անմիջապես այն հասկացան, հեռախոսավարուհի֊աղջիկների հետ ավելի լավ է խոսել ոչ հեռախոսով։

Այդ դեպքից հետո ես երկար ժամանակ հիվանդանոցային ավան չայցելեցի։ Իսկ այն ընթացքում, երբ ես կրկին սկսեցի գնալ այնտեղ, քույր Գերթրուդին տեղափոխել էին կանանց բաժին։ Ես նրան այլևս երբեք չտեսա կամ, ավելի շուտ, տեսա մի անգամ և հեռվից ձեռքով արեցի։ «Առյուծի ամրոցում» ես դարձա մշտական և լիովին ցանկալի այցելու։ Աղջիկները ողջ ուժով պտտեցնում էին ինձ, սակայն, այնուամենայնիվ, չափը գիտեին։ Նրանց միջոցով ես ծանոթացա բրիտանական օկուպացիոն բանակից մի քանիսի հետ, նրանցից մոտավորապես հարյուր անգլերեն բառ սովորեցի, բարեկամական կապ հաստատեցի, նույնիսկ տեղական նվագախմբից մի քանիսի հետ «դուով» խմեցի։ Սակայն, ինչ վերաբերում է թմբուկին, ինձ զուսպ էի պահում՝ մի խոսքով, ոչ մի անգամ փայտիկները ձեռքս չվերցրեցի ու բավարարվում էի փոքրիկ երջանկությամբ՝ Քորնեֆի արհեստանոցում քարերի վրա տառեր փորագրելով։

Քառասունյոթի֊քառասունութի դժնակ ձմռանը ես կապ էի պաշտպանում հեռախոսավարուհի աղջիկների հետ, լռակյաց ու սակավաշարժ Հանելորից մի քիչ ոչ չափազանց թանկ ջերմություն էի ստանում, ընդ որում մենք դժվարությամբ էինք տարածություն պահպանում, սահմանափակվում էինք ոչնչի չպարտավորեցնող հպումներով։

Ձմռանը քարհատը իրեն կարգի է բերում։ Պետք է գործիքները նորովի կոփել, մի ինչ֊որ հին քարակտորի վրա գրության համար մակերեսը տաշել, այնտեղ, որտեղ եզրավորում չկա, փայլեցնում են եզրաերեսակները, խնամքով մատնեքներ են գծում։ Քորնեֆն ու ես լրացրեցինք աշնան սեզոնում բավականին նոսրացած հուշարձանների անտառը, խեցեքարից մի քանի արհեստական քարեր կաղապարեցինք։ Դրանից բացի, կետագծում կատարող մեքենայի օգնությամբ ես ինձ փորձեցի պարզագույն քանդակագործական աշխատանքներում, բարձրաքանդակներ էի դրոշմում, հրեշտակների գլուխներ, մամխե պսակով Քրիստոսի գլուխը և Սուրբ Հոգու աղավնուն։ Երբ ձյուն էր գալիս, ես այն մաքրում էի, իսկ երբ ձյուն չէր գալիս, ես հարթեցնող հաստոցի համար տաքացնում էի խողովակները։

Քառասունութի փետրվարի վերջին պարերից ես վերջնականապես նիհարեցի և, կարծում եմ, ձեռք բերեցի ոգեշունչ տեսք, որովհետև որոշ աղջիկներ «Առյուծի ամրոցում» այժմ ինձ «դոկտոր» էին կոչում՝ Մեծ պասին, չորեքշաբթի օրվանից հետո, ձախ ափից հայտնվեցին գյուղացիները և սկսեցին ուսումնասիրել մեր ցուցադրումը։ Քորնեֆը տեղում չէր։ Նա ամենամյա հակառևմատիկական կուրս էր անցնում՝ այլ խոսքով, աշխատում էր Դյուսբուրգում, դոմնայում և երկու շաբաթ անց, չորացած ու առանց մկնորախտերի, վերադարձավ ետ, իսկ մինչ այդ ես հասցրեցի լավ գնով երեք քար վաճառել, դրանցից մեկը՝ երեք հոգու գերեզմանի համար։ Քորնեֆը ևս կիրհայմյան խեցու երկու քարերից օձիքը ազատեց, իսկ մարտի կեսին մենք քարերը սկսեցինք տեղափոխել գերեզմանատներ։ Սիլեզյան մարմարը գնաց Գրովենբրոյխ, կիրհամերյան երկու մեծ աղյուսնեը գնացին Նոյսի գյուղական գերեզմանատուն, իսկ իմ ձեռքով քանդակված հրեշտակների գլուխներով մանյան ավազաքարի կարմիր քարով մինչ օրս էլ կարելի է հիանալ Շտոմլերյան գերեզմանատանը։ Փայտյա պսակով Քրիստոսով երեք հոգու գերեզմանի համար դիաբազից սալաքարը մենք մարտի վերջին գլորեցինք մեր եռանիվ բեռնատարի մեջ և գնացինք շատ դանդաղ, քանի որ նրա վրա չափից դուրս շատ էինք բարձել, Կապպես֊Համմի ուղղությամբ դեպի Նոյսի մոտակայքում Հռենոսի վրայով անցնող կամուրջը։ Նոյսից Գրովեբրոյխի միջով Ռոմերսկիրխեն, հետո թեքվեցինք աջ, դեպի Բերգհայն֊էրֆտ մայրուղին, ետևում թողեցինք Ռայդտը և Նիդեռաուսեմը, չկոտրելով լիսեռը՝ իջեցրինք քարը և կանգնեցրինք Օբերաուսեմյան քերեզմանատանը, որն ընկած էր դեպի գյուղը վազող բլրի վրա։

Ինչպիսի՜ տեսարան է բլրի գագաթից։ Մեր ոտքերի տակ Էրֆտլանդի գորշածխի ավազանն է։ Իրենից ծուխը դեպի երկինք ծխեցնող «Ֆորտունայի» ութ խողովակները։ Նոր, թշշացող, անդադար պայթելու պատրաստ «Ֆորտունա Նորդ» էլեկտրակայանը։ Տերիկոնների լեռներ, որոնց ետևում ետ ու առաջ են վազում ճոպանուղու վագոնները։ Յուրաքանչյուր երեք րոպեն՝ գնացք կոկսով կամ դատարկ։ Էլեկտրակայանից դեպի էլեկտրակայան, խաղալիքի նման փոքր, սակայն այս դեպքում արդեն հսկաների համար խաղալիքը թռչելով անցնում է գերեզմանատան ձախ անկյան վերևով։ Էլեկտրափոխանցման ուղղորդող գիծը շչալով, բարձր լարման տակ վազում է դեպի Քյոլն, մյուս գծերը վազում են դեպի հորիզոն, շտապում են Բելգիա կամ Հոլանդիա, աշխրահ, երկրագնդի կենտրոն, մենք Ֆլիզ ընտանիքի համար տեղադրում էինք դիաբազից քարակոթողը՝ էլեկտրականությունը առաջանում է, երբ․․․ Գերեզմանափորը օգնականի հետ, որն այս գերեզմանատանը փոխարինում էր Լեո Խենթուկին, հայտնվեց անհրաժեշտ գործիքով, մենք կանգնած էինք բարձր լարման դաշտում, գերեզմանափորը սկսեց վերահուղարկավորումը, մեզանից մոտ երեք շարք այն կողմ՝ այստեղ ռեպարացիոն վճարումներ էին կատարում, քամին մեզ էր հասցնում ժամկետից շուտ անցկացվող վերահուղարկավորմանը բնորոշ հոտերը՝ ոչ, ոչ, ոչ սիրտ խառնող․ չէ՞ որ դրսում մարտն էր։ Կոկոսենիների հողաշերտի շուրջը մարտյան դաշտ։ Գերեզմանափորը թելերով կապված ակնոց էր դնում և կիսաձայն վիճաբանում էր իր Լեոյի հետ՝ մինչև «Ֆորտունայի» շչակն սկսեց օդ արտաշնչել, մի ողջ րոպե շարունակ արտաշնչեց, մենք դադարեցինք շնչել։ Դե իսկ վերահուղարկավորվող կնոջ մասին խոսելու բան էլ չկա, միայն էլեկտրահաղորդման գիծը ամեն ինչի դիմացավ, շչակը աքլորի ձայն արձակեց, դեն գցեց, խեղդվեց, իսկ գյուղական գորշ մոխրագույն թերթաքարե տանիքների վրա այդ ընթացքում խուճուճվում էր կեսօրյա ծուխը, և անմիջապես՝ զանգերը․ աղոթիր և աշխատիր, արդյունաբերությունը և կրոնը՝ ձեռք ձեռքի տված։ «Ֆորտունայում» հերթափոխ է, մենք՝ դեպի խոզաճարպով բուտերբրոտները, սակայն, երբ վերահուղարկավորվում ես, ընդմիջում անել չի կարելի, ահա բարձր լարման հոսանքը նույնպես անընդմեջ շտապում է դեպի հաղթող երկրները, լուսավորում է Հոլանդիան, այն դեպքում, երբ այստեղ հոսանքը երբեմն֊երբեմն անջատում են, սակայն կինն արդեն լույս աշխարհ է դուրս եկել գերեզմանից։

Մինչ Քորնեֆը հարյուր հիսուն սանտիմետր խորությամբ փոս էր փորում հիմքի համար, կինը դուրս եկավ մաքուր օդ, այդքան էլ երկար նա չպառկեց նա գետնի տակ, մթության մեջ, ընդամենը նախորդ աշնանից, սակայն որոշ հաջողությունների էր հասել, ահա և ամենուր կարելի էր նմանատիպ բարելավումներ տեսնել։ Նույնիսկ Հռենոսի ու Ռուրի շրջաններում ընթացող աշխատանքները հաջող էին ընթանում, իսկ այս կինը ողջ ձմեռը՝ ձմեռը, որը ես պարապ֊սարապ անցկացրի «Առյուծի ամրոցում», գորշածխի ավազանի սառած շերտի տակ, լուրջ, ուշադիր քննում էր ինքն իրեն։ Իսկ այժմ, երբ մենք բետոն էինք տափանում և տեղադրում էինք պատվանդանը, նրան պետք էր համոզել մաս֊մաս տեղափոխման։ Սակայն հենց դրա համար էլ գոյություն ունեն ցինկե դագաղները, որպեսզի ոչինչ չկորչի, նույնիսկ չնչին չափսով, ահա և երեխաները «ֆորտունայից» բրիկետներ տեղափոխելու ժամանակ ճիշտ նույն ձևով վազում էին բարձված մեքենաների ետևից ու հավաքում ընկնող բրիկետները, քանզի կարդինալ Ֆրինզեն ուղղակի այդպես էլ ամբիոնից հռչակեց․ «Ազնվորեն ասում եմ ձեզ, քարածխի գողությունը մեղք չէ»։ Սակայն այս կնոջը այլևս ջեռուցում անհրաժեշտ չէր։ Չեմ կարծում, թե նա մրսում էր ասացվածք դարձած մարտյան օդի թարմությունից՝ նամանավանդ, որ նրա վրա դեռ բավականաչափ կաշի կար՝ չնայած թափանցիկ էր, չնայած այս ու այն տեղ դուրս էին եկել հատերը, դրա փոխարեն կտորի մնացորդները ու մազերը՝ մշտագանգուրը, պահպանված էին, այստեղից էլ անվանումը, և դագաղի եզրավորումը դեռևս լիովին արժանի էին վերահուղարկավորման։ Նույնիսկ ամենափոքր փայտիկները անգամ ցանկանում էին տեղափոխվել մեկ այլ գերեզմանատուն, որտեղ ո՛չ գյուղացիներ, ո՛չ էլ «Ֆորտունայի» հանքափորներ կան, հասնել մեծ քաղաք, որտեղ մշտապես ինչ֊որ բան է տեղի ունենում և միաժամանակ տասնինը կինոթատրոն է աշխատում, ահա հենց այնտեղ էլ ուզում էր վերադառնալ կինը, որովհետև նա, ինչպես մեզ տեղեկացրեց գերեզմանափորը, էվակուացվածներից էր՝ մի խոսքով տեղացի չէր։ «Դա Քյոլնից է, իսկ այժմ ահա կգնա Մյուլհայմ, Հռենոսի այն կողմը», ― ասաց նա, էլ ավելի շատ բան կասեր, եթե չլիներ շչակը, մի ամբողջ րոպե շչակ, և ես մոտեցա, օգտվելով շչակից, վերահուղարկավորմանը ավելի մոտ, շրջանցեցի շչակը, ուզում էի լինել վերահուղարկավորման ականատեսը և ինձ հետ որոշ բաներ վերցրեցի, որն ինչպես հետո, ցինկե դագաղի մոտ պարզվեց, իմ սեփական բահն էր։ Ես անմիջապես սկսեցի դրանով աշխատել, ոչ թե օգնելու նպատակով, այլ հենց այնպես, քանի որ բահը իմ ձեռքին է, ես բահով հանեցի կողքի ընկած ինչ֊որ բան, ընդ որում, պարզվեց, որ այց բահը նախկին աշխատանքային ճակատի հիմնապաշարների բահերից է, իսկ այն, ինչ ես վերցրել էի աշխատանքային բահով, պարզվեց, մինչ հիմա մնացել էր էվակուացված կնոջ մեջ։ Մինչ օրս էլ համոզված եմ՝ մատն էր ու ճկույթը, ընդ որում երկու մատները ոչ թե իրենք իրենց էին պոկվել, այլ գերեզմանափորն էր կտրել, որը, ինչ խոսք, զուրկ էր զգացմունքներից։ Մատները ինձ ճկուն ու գեղեցիկ թվացին, նույն կերպ նաև՝ կնոջ գլուխը, որն արդեն պառկած էր ցինկե դագաղի մեջ, որոշակիորեն կարողացել էր պահպանել դիմագծերի կանոնավորությունը, շնորհիվ քառասունյոթի ետպատերազմյան ձմռան, որը ինչպես հայտնի է, բավականին խստաշունչ էր, դա թույլ էր տալիս խոսել գեղեցկության մասին՝ չնայած այդ գեղեցկությունը քայքայվող էր։ Դրանից բացի կնոջ գլուխն ու ձեռքերը ինձ ավելի հարազատ, մարդկային էին թվում, քան «Ֆորտունա Նորդ» էլեկտրակայանի գեղեցկությունը։ Հնարավոր է, որ ես արդյունաբերական բնատեսարանից նույնպիսի հաճույքք էի ստանում, ինչպիսին նախկինում Գուստավ Գրյուդգենսի թատրոնում՝ պահպանելով որոշակի անվստահությունս անգիր սովորած գեղեցկությունների հանդեպ չնայած դա արվեստ էր, այն դեպքում, երբ էվակուացվածը չափից դուրս բնական տպավորություն էր ստեղծում։ Չեմ վիճի, բարձր լարման հոսանքը, ինչպես և Գյոթեն, իմ մեջ համաշխարհային համամասնության զգացում էին արթնացնում, սակայն մահացած կնոջ մատները հուզում էին իմ սիրտը՝ չնայած ես նրան պատկերացնում էի որպես տղամարդ, ինչը ավելի պիտանի էր այնպիսի մեկնաբանությունների ու այնպիսի համեմատության համար, որում ես ներկայանում էի որպես Յորիկ։ Իսկ կիսով չափ գերեզմանում, կիսով չափ ցինկե դագաղի միջի կինը՝ տղամարդ, որպես Համլետ, եթե մեկը պատրաստ է Համլետին համարել տղամարդ։ Սակայն ես, Յորիկս, հինգերորդ արար, խեղկատակ, «Ես գիտեի նրան, Հորացիո», տեսարան առաջին, ես, ով ողջ աշխարհի բեմահարթակների վրա է՝ «Ախ, խեղճ Յորիկ», Համլետի տնորինմանն է ներկայացնում իր գանգը, որպեսզի ինչ֊որ մի Գրյունդգենս կամ սըր Լոուրենս Օլիվյե այդ մասին մտորի արդեն Համլետի իրավունքով․ «Որտեղ են այժմ քո կատակները։ Քո չարաճճիությունները», և այսպես, ես Գրյունդգենսի համլետյան մատը պահել էի աշխատանքային ճակատի իմ բահի վրա, ես կանգնած էի ներքին հռենոսյան գորշ ածխի ավազանի ամուր հողի վրա, հանքագործ բանվորների և նրանց ընտանիքների անդամների գերեզմանների միջև։ Նայում էի ներքև, Օբերաուսեմ գյուղակի թերթաքարե տանիքներին, գյուղական գերեզմանատունը հռչակել էի տիեզերքի կենտրոն, «Ֆորտունա Նորդ» էլեկտրոկայանը՝ իմ պատկառազդու, կիսաաստվածային գործընկերը, իմ ոտքերի տակ փռված դաշտերը Դանիայի դաշտերն էին, Էրֆտը ինձ համար Բելտն էր, և եթե այստեղ կար էլ ինչ֊որ փտած բան, ապա ինձ համար այն դանիական թագավորությունն էր։ Ես՝ Յորիկս, իմ գլխավերևում՝ բարձր լարումը, լիցքավորված, ճարճատող, շչացող, փորող լարումը, ես չեմ պնդում․ «հրեշտակները» բայցևանպես, բարձր լարման հրեշտակները երգում էին երեք շարքով հեռանալով դեպի հորիզոն, որտեղ Քյոլնն էր իր գոթական անցյալով, որտեղ կաթոլիկական քարոզի հետ էլեկտրոէներգիա էին մատակարարում։ Երկնային ճամփով՝ ճակնդեղի դաշտերի միջով, պեղելով բրիկետ և Համլետի, այլ ամենևին էլ ոչ Յորիկի, մարմինը։

Սակայն մնացածներին՝ թատրոնի հետ կապ չունեցողներին, ներքևում մնալ էր պատշաճ․ «Ասա նրան, թե ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ։ Եվ ավարտվեց։ Հետագան՝ լռություն», որից հետո նրանց ճզմում էին գերեզմանաքարերով, այնպես, ինչպես մենք Ֆլիզների ընտանիքին՝ ծանր եռափեղկ դիաբազյան սալաքարերով։ Իսկ ինձ համար՝ Օսկար Մացերատի, Բրոնսկու, Յորիկի համար, սկսվում էր նոր դարը, և ես, դժվար թե դա գիտակցելով, արագորեն դիտում էի՝ մինչև որ այն մոտեցավ ավարտին, իշխան Համլետի չմշակված մատները իր բահի թիակի վրա․ «Նա գեր է ու հևացող», երրորդ արարը, Գրյունդգենսին թույլ տվեց առաջին տեսարանում հարց տալ լինելու թե չլինելու մասին։ Այնուհետև անհեթեթ հարցը քամահրելով, առավել կարևոր համարեց ինչ֊որ մի ավելի կոնկրետ բան պահպանել իր գլխում, օրինակ իմ տղայի կայծքարերը, իմ երկրային ու երկնային ենթադրյալ հայրերին, իմ տատիկի չորս շրջազգեստները, իմ խեղճ մայրիկի՝ լուսանկարներով պահպանված անմահ գեղեցկությունը, Հերբերթ Տրուչինսկու թիկունքի սպիավոր լաբիրինթոսը, Լեհական փոստատան արյունը լավ ներծծող նամակների կողովները, Ամերիկան, ախ, ինչ արժեք ունի Ամերիկան համեմատ ինը համարի տրամվայի, որը գնում էր Բրոյզեն՝ թույլ տալով, որպեսզի Մարիայից ժամանակ առ ժամանակ պարզորոշ բուրող վանիլի հոտը պարուրեր ինձ, որպես խելագարություն մատուցված ոմն Լյուցիա Ռանվանդի եռանկյունի մռութը, խնդրել պարոն Ֆայնգոլդին, որը նույնիսկ մահն էր ախտահանում, որպեսզի Մացերատի շնչափողի մեջ փնտրի այնտեղ անհետ կորած կուսակցական նշանը։ Կասկածի տակ էր դնում Համլետին և որպես իսկական քաղաքացու փառաբանում էր ինձ։ Քորնեֆը մոտ կանչեց ինձ, քանի որ պետք էր անցնել դիաբազից սալաքարի տակի պատվանդանի եզրով, ասաց ցածր, ցանկանալով ի վերջո դառնալ քաղաքացի և մի քիչ էլ նմանվելով Գրյունդգենսին՝ չնայած դժվար թե վերջինս կարողանար խաղալ Յորիկին, իր բահի վերևով ասաց․

― Ամուսնանալ, թե չամուսնանալ՝ ահա թե որն է հարցը։

Գերեզմանատան այդ շրջադարձից հենց ուղիղ «Ֆորտունա Նորդի» դիմաց ես վճռականորեն դեն նետեցի Վեդիգի «Առյուծի ամրոցը», իմ բոլոր կապերը խզեցի Միջազգային հեռախոսային կայանի աղջիկների հետ, որոնց ակնհայտ արժանիքները կայանում էին հենց արագ և որակով կապ հաստատելու հմտության մեջ։

Մայիսին ես իմ ու Մարիայի համար կինոյի տոմսեր գնեցի։ Կինոյից հետո մենք գնացինք ռեստորան, այնտեղ բավականին պատշաճ կերանք, ես խոսեցի Մարիայի հետ, որն անդադար անհանգստանում էր, որովհետև փոքրիկ Կուրտի աղբյուրը սկսել էր ցամաքել, որովհետև արհեստական մեղրի հետ կապված գործերը օր օրի ավելի ու ավելի վատ էին ընթանում։ Որովհետև, ինչպես նա արտահայտվեց, արդեն քանի ամիս է ես իմ թույլ ուժերով ինձ վրա դրած տանում եմ ողջ ընտանիքը։ Ես հանգստացրեցի Մարիային, ասացի նրան, որ Օսկարը ուրախ է դրա համար, որ նրա համար առավել հաճելի բան չկա, քան իր վրա մեծ պատասխանատվություն վերցնելը, դրան զուգահեռ ես նրա տեսքի առիթով արեցի մի քանի հաճոյախոսություններ, հանդգնեցի նրան առաջարկություն անել։

Նա իրեն ժամանակ խնդրեց մտածելու համար։ Յորիկի տված հարցին մի քանի շաբաթ ոչ մի պատասխան չեղավ և կամ ինչ֊որ խուսափողական բան էր ասվում, և ի վերջո պատասխանը ինձ տվեց փողային ռեֆորմը։

Մարիան ինձ մի կույտ փաստարկներ բերեց, շոյեց իմ թևքը, ինձ անվանեց «թանկագին Օսկար», ավելացրեց, որ ընդհանրապես ասած, ես չափից դուրս լավն եմ այս աշխարհի համար, խնդրեց իրեն հասկանալ և ապագայում չզրկել իմ ոչնչով չպղտորված ընկերական բարեհաճությունից։ Ինձ ամենայն բարիքներ կամեցավ իմ քարհատի հետագա գործունեության մեջ և ընդհանրապես, սակայն, երբ ես մեկ անգամ ևս արդեն համառ կրկնեցի իմ հարցը, ինձ հետ ամուսնանալուց հրաժարվեց։

Յորիկն այդպես էլ բարեկանոն բյուրգեր չդարձավ, այլ դարձավ խեղկատակ։


Մադոննա֊49

Դրամային ռեֆորմը չափից դուրս վաղ վրա տվեց, ինձ դարձրեց խեղկատակ, ստիպեց ճիշտ նույն ձևով ռեֆորմ իրականցանել Օսկարի տարադրամի հետ․ ես հասկացա, որ այսուհետ ստիպված եմ եթե ոչ փորելով կուզիս միջից ոսկի հանել, ապա առնավազն գոնե նրա օգնությամբ ապրելու համար դրամ վաստակել։

Սակայն չէ՞ որ գերազանց բյուրգեր դուրս կգար ինձանից։ Ժամանակը ռեֆորմից հետո, որը, ինչպես մենք այսօր հասկանում ենք, բոլոր նախապայմանները ստեղծեց այժմ շքեղ գույնով ծաղկող բիդերմայերի համար, կարող էր բիդերմայերյան գծերը սաստկացնել նաև բուն Օսկարի մեջ։ Որպես ամուսին ու քաղքենի, ես դեռ գործուն մասնակցություն կցուցաբերեի վերականգնման գործում, միջին չափսերի քարահղկման արտադրամաս կունենայի, երեսուն ենթավարպետներին, ձեռքի տակ գտնվողներին ու աշակերտներին հացի փող կտայի։ Կլինեի հենց այն մարդը, որն այդչափ ճանաչում գտած խեցեքարի ու կրաքարի օգնությամբ գրավիչ է դարձնում բոլոր կրկին կառուցված վարչարարական շենքերն ու ապահովագրական գործակալությունների պալատները․ գործարար, քաղքենի, ամուսին, սակայն Մարիան ինձ կտրուկ մերժում տվեց։

Այդ ժամանակ Օսկարը հիշեց իր կուզի մասին և տրվեց արվեստին։ Նախքան Քորնեֆը, ում գերեզմանաքարերից կախյալ կենցաղը ևս փողային ռեֆորմի պատճառով հայտնվեց վտանգի տակ, կհասցներ ինձանից հեռանալ, ես ինքս հեռացա և հիմա կանգնում էի փողոցում, եթե ձեռքերս ծալած չէի նստում Հուստա Քյոստների խոհանոցում, աստիճանաբար հագնելով մաշեցնում էի իմ պերճաշուք կոստյումը։ Փոքր ինչ վհատվել էի՝ չնայած դեռ Մարիայի հետ չէի վիճաբանում, սակայն զգուշանում էի վեճից և այդ իսկ պատճառով առավել հաճախ վաղ առավոտից լքում էի Բիլկեի բնակարանը, որպես սկիզբ այցելում էի Գրաֆ֊Ադոլֆ֊պլացի կարապներին, այնուհետև նրանց, որ Պալատական այգում էին, այնտեղ՝ այգու ծառուղիներում, շեղությամբ հենց ուղիղ աշխատանքային բորսայի ու Գեղարվեստի ակադեմիայի դիմաց, որոնք Դյուսելդորֆում տեղակայվում էին հարևանությամբ, նայում էի՝ փոքրամարմին, խաղաղված և ամենևին չգազազած։

Նստում ու նստում ես նման այգու նստարանի վրա, մինչև որ ինքդ փայտանաս ու արտահայտվելու ցանկություն զգաս։ Ծերունիներ, որոնք կախյալ են եղանակի փոփոխությունից, զառամյալ տարիքի կանայք, որոնք աստիճանաբար վեր էին ածվում շատախոս աղջիկների, տարվա համապատասխան եղանակ, սև կարապներ, երեխաներ, որոնք գոռոցով ընկնում են մեկը մյուսի ետևից, զույգեր, որոնց ցանկանում ես հետևել, մինչ նրանք, ինչպես և պետք էր սպասել, կբաժանվեն իրարից։ Ոմանք թուղթ են գցում գետնին։ Թղթերը կարճ ժամանակ ճախրում են օդում, գլորվում գետնի վրայով՝ մինչև գլխարկով մարդը, նրան վարձատրում է քաղաքը, դրանք կխրի իր փայտի մեջ։

Օսկարը կարողանում էր ծնկներով համաչափ վեր քաշել իր շալվարը, երբ նստում էր։ Դե իհարկե, ես այդ երկու բարալիկ տղաների ու ակնոցավոր աղջկա վրա ուշադրություն դարձրեցի դեռ նախքան այն, երբ գեր կինը, որը, ի միջի այլոց, նախկին վերմախտյան գոտով կաշվե վերարկու էր հագել, ինքն անձամբ սկսեց խոսել ինձ հետ։ Խոսելու գաղափարը հավանաբար սկսվում էր սև անարխիստական հագուստներով պատանիներից։ Որքան էլ որ նրանք տեսքից վտանգավոր չթվային, նրանց համար դժվար էր անմիջապես զրույց սկսելը ինձ՝ կուզիկիս հետ, որի մեջ ծպտված մեծություն էր կռահվում։ Եվ նրանք այդ անել դրդեցին կաշվե վերարկուով գեր կնոջը։ Նա մոտեցավ, ոտքերը լայն բացած կանգնել էր իր երկու սյուների վրա և կմկմում էր՝ մինչև որ նրան առաջարկեցի նստել։ Նա նստեց, նրա ակնոցի ապակիները քրտնել էին, որովհետև Հռենոսի կողմից լողալով գալիս էր մշուշը, գրեթե մառախուղը, նա խոսում էր, խոսում էր՝ մինչև որ նրան առաջարկեցի սկզբում սրբել ակնոցը և դրանից հետո միայն ձևակերպել իր խնդիրը, որպեսզի կարողանայի նրան հասկանալ։ Այդ ժամանակ նա նշաններով մոտ կանչեց մռայլ պատանիներին, և նրանք անմիջապես, չսպասելով, մինչև ես ինքս դա խնդրեմ, ներկայացան․ նրանք իբրև թե նկարիչներ են, նրանք նկարում են, նկարում են յուղաներկով, քանդակում են, իսկ այժմ բնորդ են փնտրում։ Այնուհետև, ոչ առանց կրքոտ հակման, նրանք ինձ հասկացրեցին, որ ես նրանց համապատասխան բնորդ եմ թվում, իսկ երբ ես ի պատասխան՝ բութ մատս շփեցի ցուցամատիս, նրանք ինձ ծանոթացրեցին ակադեմիական բնորդի համար նախատեսված գնաչափերի հետ։ Գեղարվեստի ակադեմիան մեկ ժամվա համար վճարում է մարկ և ութանասուն, իսկ եթե մերկ՝ սակայն այդ մասին հավանաբար, խոսք անգամ չի կարող լինել, ավելացրեց գեր կինը, ողջ երեքը։

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Օսկարը պատասխանեց․ «Այո»։ Ինձ գրավո՞ւմ էր արվեստը։ Գրավո՞ւմ էր աշխատավարձը։ Այո, արվեստն ու աշխատավարձը ինձ գրավում էին և թույլ տվեցին, որ Օսկարը ասի «Այո»։ Ես վեր կացա, ես ընդմիշտ լքեցի նստարանը և նրա վրա հետագա բնակության բոլոր հեռանկարները ու հետևեցի ակնոցավոր աղջկա հստակ տպվող քայլին ու երկու պատանիներին, որոնք քայլում էին խիստ առաջ թեքված, կարծես ուսերի վրա տանում էին իրենց տաղանդի բեռը՝ աշխատանքի բորսայի կողքով դեպի Այսքելերբերգշտրասսե, Գեղարվեստի ակադեմիայի մասամբ ավերված շենքը։

Ահա և պրոֆեսոր Քուխենը՝ սև մորուք, ածխասև աչքեր, սև թեք դրված փափուկ գլխարկ, եղունգների տակ սև կորագիծ, նա հիշեցնում էր իմ մանուկ ժամանակների սև բուֆետը, իմ մեջ ճանաչեց այն նույն հրաշալի բնորդին, որին և այգու նստարանի վրա նստած մարդու մեջ տեսան աշակերտները։

Նա երկար քայլում էր իմ շուրջը, պտտում էր իր ածխե աչքերը, այնպես էր ֆսֆսում, որ նրա պնչերից պոկվում էր սև փոշին և խոսում էր, կեղտոտ եղունգներով մատներով սեղմելով անտեսանելի թշնամու կոկորդը։

― Արվեստը մեղադրանք է, արտահայտում է կիրք։ Արվեստը նկարչության համար սև ածուխ է, որը փշրվում է սպիտակ թղթի վրա։

Հենց այդ փշրվող արվեստի համար էլ ես պետք է ծառայեի որպես բնորդ։ Պրոֆեսոր Քուխենը ինձ տարավ ստուդիա, իր աշակերտների մոտ, սեփական ձեռքերով ինձ բարձրացրեց ու կանգնեցրեց պտտվող շրջանի վրա, սկսեց այն պտտել, սակայն ոչ թե ինձ մոտ գլխապտույտ առաջացնելու համար, այլ որպեսզի բոլոր կողմերից հստակ ցուցադրի Օսկարի համաչափությունները։ Տասնվեց նկարակալներ ընդհուպ մոտեցան Օսկարի կիսադեմին։ Եվս մեկը՝ կարճահասակը, ածխե փոշի արտաշնչող պրոֆեսորի զեկույցն էր․ նա արտահայտչություն էր պահանջում, նա ընդհանրապես սոսնձվել էր այդ բառին, նա ասում էր․ լիակատար հուսահատություն, գիշերվա պես սև արտահայտություն, պնդում էր, թե իբր Օսկարս, արտահայտում եմ խորտակված մարդու կերպարը, որը մեղադրում է, գրգռում է, դուրս է ժամանակից և, բայցևայնպես, արտահայտում է հատկապես մեր դարի ողջ խելագարությունը, նա նկարակալների վերևով որոտում էր․

― Դուք նրան՝ հաշմանդամին, չեք նկարում, դուք սպանեք նրան, ոտքով հարվածեք նրան, ածուխով նրան մեխեք թղթին։

Հավանաբար դա սկսելու հրաման էր ծառայում, քանզի նկարակալների ետևում տասնվեց անգամ ճռճռաց ածուխը, ճչաց՝ փշրվերլով, իմ արտահայտությունից վերածվեց փոշու՝ ենթադրվում էր իմ կուզը, դարձրեց այն սև, սևացրեց նրան, ստվարագծեց, քանզի պրոֆեսոր Քուխենի բոլոր աշակերտները այնպիսի խիտ սևությամբ էին ընկնում իմ արտահայտչության ետևից, որ ակամա տուրք էին տալիս գրոտեսկին, գերագնահատում էին իմ կուզի չափսերը, ավելի ու ավելի մեծ թղթեր էին վերցնում, և, այնուամենայնիվ, չէին կարողանում իմ կուզը մարմնավորել թղթի վրա։

Եվ այդ ժամանակ պրոֆեսոր Քուխենը տասնվեց ածուխ փշրողներին լավ խորհուրդ տվեց․ սկսել ոչ թե իմ չափազանց արտահայտիչ կուզի ուրվագծից, որն ունակ է պայթեցնել ցանկացած ձևաչափ, այլ սկզբում թերթի վերին հինգերորդ մասում, որքան հնարավոր է շատ ձախից, սևացնել իմ գլուխը։

Իմ գեղեցիկ մազերը շագանակի փայլ ունեն։ Իսկ նրանք փրչոտ գնչու դարձրեցին։ Եվ արվեստի տասնվեց առաքյալներից ոչ մեկը չնկատեց, որ Օսկարը երկնագույն աչքեր ունի։ Երբ հերթական ընդմիջման ժամանակ, քանզի յուրաքանչյուր բնորդ քառասունհինգ րոպե կեցվածք ընդունելուց հետո իրավունք ունի տասնհինգ րոպե հանգստանալ, ես նայեցի տասնվեց թերթերի վերին ձախ անկյուններին, չնայած որ ինձ ապշեցրեց բոլոր տասնվեցի վրա իմ տանջահար դեմքի սոցիալական կշտամբանքի արտահայտությունը, սակայն, ի մեծ վիշտ ինձ, ես դրանց վրա չգտա իմ աչքերի լույսը․ այնտեղ, որտեղ նրանք պետք է պայծառ ու հաղթականորեն ճառագեին, գլորվում, կկոցվում, փշրվում, ինձ ծակում էին ածուխի ամենասև հետքերը։

Հաշվի առնելով այնպիսի հասկացություն, ինչպիսին արվեստագետի ազատությունն է, ես ինձ ասացի․ ճիշտ է, մուսաների պատանի սաները և արվեստի մեջ խճճված աղջիկները քո մեջ ճանաչել են Ռասպուտինին, սակայն կկռահե՞ն արդյոք, նրանք երբևիցե և կարթնացնե՞ն, արդյոք, քո մեջ նիրհող Գյոթեին, որպեսզի հեշտությամբ, ոչ այնքան արտահայտությամբ, որքան արծաթյա քարերգչի զսպվածությամբ նրան պատկերեն թղթի վրա։ Ո՛չ տասնվեց աշակերտներին, ինչպիսի ունակությունների էլ որ նրանք տնօրինեին, ո՛չ անգամ պրոֆեսոր Քուխենին, ում ածխե պարուրազարդերը համարվում էին իրենց ձևի մեջ միակը, չհաջողվեց գալիք սերունդներին թողնել Օսկարի շատ թե քիչ բավարար կերպարը։ Չնայած ես վատ չէի վաստակում, ինձ հարգանքով էին վերաբերվում, ես օր օրի վեցական ժամ կանգնած էի մնում պտտվող շրջանի վրա՝ մեկ դեմքով դեպի մշտապես խցանված լվացարանը, մեկ քթով դեպի սրահի մոխրագույն, բաց երկնագույն, թեթև ամպերով վարագուրված պատուհանները, իսկ երբեմն դեպի նկարակալը և ցուցադրում էի արտահայտություն, որն ամեն ժամ ինձ մեկ մարկ ութսուն պֆենինգ էր բերում։

Մի քանի շաբաթ անց աշակերտներին հաջողվեց մեկ֊երկու պատշաճ ուրվանկար անել։ Այլ խոսքերով, նրանք թեթևակի չափավորեցին սևության արտահայտչականության մեջ իրենց եռանդը, սակայն իմ կուզի չափսերը ավելի էին հասցնում դեպի անմահություն, երբեմն թղթի վրա ինձ պատկերում էին գլխից մինչև կրունկներս, պիջակիս կրծքի կոճակներից մինչև այն տեղը, որտեղ կոստյումի կտորը առավել շատ էր ձգվում՝ իմ կուզը ծածկելով։ Շատ թերթերի վրա ես նույնիսկ ետին պլան հայտնաբերեցի։ Չնայած փողային ռեֆորմին՝ երիտասարդ մարդիկ դեռևս պատերազմի ազդեցության տակ գտնվելով, իմ ետևում կառուցում էին դատարկ պատուհանների սև, մեղադրող ակնախոռոչներով փլատակներ, ինձ՝ անհուսալիորեն սովատանջ եղած փախստականիս, տեղավորում էին երկու այլանդակված ծառերի միջև։ Նույնիսկ վեր էին ածում կալանավորի և ժրաջան ածուխով իր թիկունքում չափազանցված ծակող փշալար էին քաշում, կանգնեցնում պատահական դիտանոցների նշանառության տակ, որոնք իրենց հերթին սպառնում էին ետին պլանում, ստիպում էին բռնել դատարկ թիթեղյա պնակը, իմ ետևի և իմ վերևի ճաղապատված պատուհանները լրացնում էին գրաֆիկական գրավչությունը՝ Օսկարին կալանավորի հագուստով էին զգեստավորում, և այդ ամենը կատարվում էր հանուն գեղարվեստական արտահայտչականության։

Սակայն քանի որ ինձ որպես սևամազ գնչու֊Օսկարի սևացնում էին ածուխով, քանի որ ինձ ստիպում էին այդ անլույս խավարին նայել ոչ թե երկնագույն, ածխասև աչքերով՝ չնայած ես գիտակցում էի, որ փշալարը հնարավոր չէ նկարել։ Բնորդի իրավունքներով լռում էի, սակայն շատ ուրախ էի, երբ քանդակագործները, որոնք, ինչպես հայտնի է, կարող են բավականանալ առանց ժամանակի նշանների, հրապուրեցին ինձ մոդելի կարգավիճակով, մերկ մոդելի։

Այս անգամ ինձ հետ խոսք բացեցին ոչ թե մի ինչ֊որ աշակերտներ, այլ վարպետը անձամբ։ Պրոֆեսոր Մարունը ընկերություն էր անում իմ ածխե պրոֆեսոր Քուխենի հետ։ Եվ մի անգամ, երբ Քուխենի ստուդիայում՝ մի մռայլ շինություն, որը լի էր շրջանակների մեջ առնված ածխե պարուրազարդերով, իսկ ես կանգնած էի անշարժ, որպեսզի հիշյալ մորուքավորը իր անկրկնելի ածխե նրբագծով ինձ մարմնավորի թղթի վրա, նրա մոտ եկավ պրոֆեսոր Մարունը՝ հիսունին մոտ ամրակազմ մի տիպ, որին, սպիտակ խալաթի պատճառով, լիովին կարելի էր վիրաբույժի տեղ ընդունել, եթե միայն փոշոտ գլխարկը չվկայեր արվեստի աշխարհին նրա պատկանելության մասին։

Մարունը, ինչպես ես անմիջապես նկատեցի, դասական ձևերի սիրահար էր, իմ համամասնությունների պատճառով, ինձ պարուրեց անբարյացակամ հայացքի մեջ։ Իսկ իր ընկերոջը նա ուղղակի ծաղրեց․ մի՞թե նրան՝ Քուխենին, չեն զզվեցրել այն գնչուական բնորդները, որոնց պատճառով նա գեղարվեստական շրջաններում «գնչուական բարոնի» մականուն է ձեռք բերել։ Իսկ այժմ նա, հավանաբար, որոշել է իրեն փորձել այլանդակություններում․ արդյո՞ք նա չի մտադրվել՝ հաջողակ գնչուական շրջանից այժմ անցնել ոչ պակաս հաջողություն ունեցող գաճաճի շրջանը։

Իր ընկերոջ ծաղրը Քուխենը վերածեց կատաղի, գիշերվա պես սև ածխե նրբագծերի։ Ստացվեց ամենասևը բոլոր այն նկարներից, որոնք նա երբևիցե նկարել էր Օսկարից, գործնականում դա համատարած սևություն էր, եթե չհաշվենք իմ այտոսկրերի, քթի, դնչի և ձեռքերի վրայի սպիտակ բծիկները։ Եվ, այնուամենայնիվ, այդ դիմանկարում, որը հետագա բոլոր ցուցահանդեսներում ուշադրություն էր գրավում, իմ աչքերը երկնագույն են, այսինքն՝ բաց գույնի են, այլ ոչ թե մռայլ, ճառագող։ Օսկարը այս փաստը բացատրում է պրոֆեսոր Մորունի ազդեցությամբ, որը ոչ թե ածխի էքսպրեսիվ ֆանատիկոսն էր, այլ դասական, որի համար իր աչքերը փայլում էին գյոթեական պարզությամբ։ Թերևս, հատկապես Օսկարի հայացքը ստիպեց պրոֆեսոր Մարունին, որն ըստ էության միայն համամասնություն էր սիրում, իմ մեջ քանդակագործի համար բնորդ տեսնել, իր համար բնորդ։

Մարունի ստուդիան փոշոտ֊լուսավոր էր, գրեթե դատարկ, և այնտեղ ոչ մի ավարտված աշխատանք չկար։ Սակայն ամենուրեք կանգնած էին մտահղացված աշխատանքների հիմնակմախքները, որոնք այնքան հրաշալի էին մտահղացված, որ մետաղալարը, երկաթը և կապարե ծռված մերկ խողովակները առանց կաղապարման կավի էլ առաջիկայում ներդաշնակություն էին խոստանում։

Ամեն օր ես հնգական ժամ կանգնում էի նրա մոտ և ամեն ժամվա համար երկուական մարկ էի ստանում։ Նա պտտվող շրջանի վրա կավճով որոշակի կետ էր նշագծում, ցույց էր տալիս, թե ապագայում որտեղ պետք է դրված լինի իմ աջ ոտքը՝ որպես հենակետային։ Հենակետայինից տարված ուղղահայաց գիծը պետք է հստակ դուրս գար դեպի իմ անրագնդերի միջև ընկած պարանոցային փոսիկը։ Մեզ մոտ ձախ ոտքը ազատ էր։ Ընդ որում, դա խաբուսիկ բնորոշում է։ Թեկուզ ես, մի փոքր ծալելով, այն անփութորեն մի կողմ թողնելու իրավունք ունեի, սակայն ոչ տեղաշարժել, ոչ ազատ շարժել ինձ թույլ չէր տրվում։ Ազատ ոտքը ևս կավճով ամրացված էր շրջանի վրա։

Այն շաբաթների ընթացքում, որ ես դիրք էի ընդունում քանդակագործ Մարունի առաջ, նա այդպես էլ չկարողացավ իմ ձեռքերի համար համապատասխան տեղ գտնել։ Ինչպես գտել էր աջ ոտքիս համար։ Մեկ ինձ կարգադրում էին կախ գցել ձախ ձեևքս, մեկ աջս ծալել կրծքիս վրա, մեկ հենել կողքերիս, գոյություն ունեին հազար հնարավորություններ, և քանդակագործը դրանից յուրաքանչյուրը փորձեց իմ ու դյուրաթեք կապարե խողովակներով հիմնակմախքի վրա։

Եվ երբ մեկամսյա ժրաջան որոնումներից հետո նա ի վերջո որոշեց ինձ փոխանցել կավին խաչված ձեռքերով, որոնք ես պետք է պահեի ծոծրակիս վրա, կամ ընդհանրապես առանց ձեռքերի, ուղղակի իրանս, ապա կառուցումը և վերակառուցումը նրան այնքան ուժասպառ արեցին, որ չնայած նա մատները մտցրեց կավով արկղի մեջ ու ձեռնամուխ եղավ կաղապարմանը, սակայն հետո հանկարծ ձիգ տձև նյութը շրմփոցով դեն նետեց արկղի մեջ, քարացավ հիմնակմախքի դիմաց, ուսումնասիրեց ինձ, իմ հիմնակմախքը, և նրա մատները դողում էին վշտից․ հիմնակմախքը չափից դուրս կատարյալ էր։

Հոգոցով հանձնվելով, գլխացավ պատկերելով, սակայն ամենևին Օսկարի վրա չբարկանալով՝ նա հրաժարվեց իր մտահղացումից, հենակետային ու ազատ ոտքերով, կապարե վեր բարձրացված խողովակներով, երկաթյա ծոծրակի վրա խաչված մետաղալարե մատներով կուզիկ հիմնակմախքը՝ տարավ անկյուն։ Մնացած բոլոր հիմնակմախքների կողքին, լուռ, առանց ծաղրանքի՝ յուր անօգտակարությունը զգալով, հիմնակմախքից կախվել էին պտտիչ հարմարանքները, որոնց նաև թիթեղներ էին անվանում։ Դրանք պետք է պահեին կավի ծանրությունը։

Դրանից հետո մենք նրա հետ թեյ խմեցինք և էլի մեկ ժամից ոչ պակաս զրուցեցինք, որը հետո քանդակագործը հաշվարկեց որպես աշխատանքային ժամ։ Նա վերհիշեց անցած ժամանակները, երբ պատանի Միքելանջելոյի նման, ցենտներներով, առանց հոգնածության որևիցե հատկանիշների, կավը ծեփում էր հիմնակմախքի վրա և ավարտում էր աշխատանքները, որոնք մեծ մասամբ պատերազմի ժամանակ ոչնչացան։ Իսկ ես նրան պատմեցի քարահատ ու գրանիտագործ Օսկարի գործունեության մասին։ Այդպես մենք նրա հետ մի քիչ էլ շատախոսեցինք, հետո նա ինձ տարավ աշակերտների մոտ, որպեսզի նրանք ևս իմ մեջ տեսնեն բնորդին և Օսկարի նմանությամբ հիմնակմախքներ կառուցեցին։

Պրոֆեսոր Մարունի աշակերտներից տասին եթե երկար մազերը որպես սեռական հատկանիշ ընդունենք, կարելի էր համարել աղջիկներ։ Նրանցից չորսը տգեղ էին ու տաղանդաշատ։ Երկուսը բարետես էին, շատախոս, մի խոսքով՝ սովորական աղջիկներ։ Որպես մերկ բնորդ, ես երբեք անհարմար չէի զգում։ Ավելին, Օսկարը նույնիսկ որոշակիորեն ուրախացավ՝ տեսնելով, թե ինչպես զարմացան երկու բարետես աղջիկները, երբ առաջին անգամ ինձ զննեցին շրջանի վրա կանգնած, և որոշ տարակուսանքով փաստեցին, որ Օսկարը, չնայած իր կուզին ու ժլատորեն չափված հասակին, ունի անդամ, որն առիթի դեպքում կարող է դիմանալ տղամարդու, այսպես ասած, նմանատիպ ունեցվածքի ցանկացած համեմատության։

Պրոֆեսոր Մարունի աշակերտների հետ ձևավորվեցին փոքր֊ինչ այլ հարաբերություններ, քան հենց Մարունի հետ։ Նրանք արդեն երկու օրից ավարտեցին հիմնակմախքների վրա աշխատանքը, իրենց հանճարներ էին կարծում և, հանճարեղ շտապողականությամբ համակված, կավը ծեփում էին հապճեպորեն ու ոչ արհեստավարժորեն ամրացված խողովակների վրա։ Սակայն ամեն ինչից դատելով՝ չափից դուրս փայտե պտտիչ հարմարանքներ էին դրել իմ կուզի հիմնակմախքի մեջ, քանզի երբ կաղապարման խոնով կավի բեռն արդեն կախվել էր հիմնակմախքի վրա՝ Օսկարին վայրի, գզգզված արտահայտություն հաղորդելով, նորածեփ Օսկարը տասն անգամ կարճացավ։ Իմ գլուխն արդեն կախվեց ոտքերիս մեջտեղում, իսկ թարմ կավը սկսեց խողովակներից բլիթ֊բլիթ թափվել ցած, իսկ իմ կուզն իջավ ծնկներիցս ներքև, և միայն այդ ժամանակ ես կարողացա ըստ արժանավույն գնահատել նրանց խրատատու Մարունին, որը կարողանում էր այն աստիճան վարպետորեն հավաքել հիմնակմախքը, որ հետո նույնիսկ կարիք չէր առաջանում այն էժանագին կաղապարման նյութով քողարկել։

Տգեղ, սակայն ընդունակ աղջիկները նույնիսկ թնկթնկացին, երբ կավե Օսկարն առանձնացավ մետաղալարե Օսկարից։ Հաճելիները, սակայն, շատախոսները միայն ծիծաղում էին, երբ ինձ մոտ, գրեթե խորհրդանշանակորեն, խժռելով ժամանակը, միսը հեռանում էր ոսկորներից։ Այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ անց աշակերտներին, այնուամենայնիվ, հաջողվեց կիսամյակային եզրափակիչ ցուցահանդեսի համար մի քանի լիովին պատշաճ քանդակներ նախապատրաստել՝ սկզբում կավով, հետո գիպսով ու գալենիտով, ես հերթական անգամ հնարավորություն ստացա կրկին ու կրկին տգեղների, սակայն տաղանդաշատների աշխատանքը համեմատել հաճելիների, սակայն շատախոսների աշխատանքի հետ։ Մինչ գրավիչ, սակայն արվեստին ոչ խորթ աղջիկները ջանասիրաբար էին պատկերել իմ գլուխը, վերջույթներս, կուզս, իսկ իմ անդամը՝ տարօրինակ փոխվորածությամբ կամ քամահրել էին կամ փոխարինել հիմար ոճավորմամբ, հաճելի, մեծ աչքերով՝ չնայած որ գեղեցիկ մատներով, սակայն բացարձակապես անտաղանդ աղջիկները գրեթե ուշադրություն չէին հատկացրել իմ մանրամասներին, սակայն օգտագործել էին իրենց ողջ ջանքը՝ գեղեցիկ օրգանները հնարավորին չափ ճշտորեն պատկերելու համար։ Որպեսզի այս հարմար առիթի ժամանակ չմոռանանք արական սեռի չորս քանդակագործներին, հարկ է նշել․ սրանք վերացարկել էին, տափակ ռանդայված տախտակների օգնությամբ ինձ քառանկյուն էին դարձրել, իսկ այն, ինչը քամահրել էին տգեղ աղջիկները, իսկ գեղեցիկները պատկերել էին որպես բնության վայրագ ծաղկում, նրանք, տղամարդկային սթափ խելքով առաջնորդվելով, քանդակել էին երկու հավասար չափի խորանարդիկների վերևում երկարավուն քառակող սրոցաքարի տեսքով՝ ինչպես տարածության մեջ ցցված մանկական խորանարդիկների արքայի որդեծնական անդամ։

Կամ այն է՝ հանուն իմ երկնագույն աչքերի, կամ այն է՝ հանուն լուսարձակների, որոնք քանդակագործները շարել էին իմ շուրջը, բարետես քանդակագործուհիների մոտ անցուցարձ անողները մերկ Օսկարի ոչ այն է՝ իմ աչքերի երկնագույնության մեջ, ոչ այն է՝ լուսարձակներից կարմրած կաշվի մեջ, գեղարվեստական տեսանկյունից ինչ֊որ գրավիչ բան հայտնաբերեցին։ Այդ իսկ պատճառով գրաֆիկայի ու քանդակագործության կիսանկուղային ստուդիաներից ինձ առևքնգեցին դեպի վերին հարկերը, որտեղ սկսեցին իրենց ներկապնակների վրա ինձ համապատասխանող ներկեր խառնել։

Սկզբում իմ երկնագույն հայացքը մեծ տպավորություն թողեց նկարիչների վրա։ Նրանց դա այն աստիճան երկնագույն էր թվում, որ նկարչի վրձինը ցանկանում էր ինձ ընդհանրապես ու ամբողջությամբ երկնագույն դարձնել։ Օսկարի առողջ մարմինը, նրա ալիքաձև, շագանակագույն մազերը, նրա թարմ, հյութեղ բերանը թառամում էին չարագուշակ կապույտ երանգների մեջ, բացի այդ, երբեմն կարծես թե քայքայումը արագացնելով, իմ մարմնի կապույտ կտորներին խառնվում էր հիվանդագին կանաչն ու սրտախառնոց առաջացնող դեղինը։

Ուրիշ գույներ Օսկարը կարողացավ ձեռք բերել միայն այն բանից հետո, երբ կառնավալի ժամանակ, որը մեկ շաբաթ շարունակ տոնում էին ակադեմիայի նկուղներում, հայտնաբերեց Ուլլային և մուսայի իրավունքներով նրան ներկայացրեց նկարիչներին։ Ի՞նչ էր դա, կառնավալի վերջին օ՞րը։ Այո, կառնավալի վերջին օրը, երբ ես որոշեցի մասնակցություն ունենալ տոնահանդեսին, գալ կառնավալային կոստյումով և ամբոխին խառնել կոստյումավորված Օսկարին։

Ինձ հայելու մեջ տեսնելով՝ Մարիան ասաց․

― Ավելի լավ է դու տանը նստեիր։ Նրանք քեզ ախր ոտքերի տակ կտրորեն։

Հետո նա, այնուամենայնիվ, օգնեց ինձ հագնվել, ձևեց կտորի հատվածները, իսկ նրա քույր Հուստան ասեղով անմիջապես խեղկատակի կոստյում բլանդեց։ Սկզբում ես Վելասկեսի ոգով ինչ֊որ բան էի պատկերացնում, ես դեմ չէի նաև ինձ զորավոր Նարսես կամ իշխան Օյգեն տենսել։ Երբ հետո ես ի վերջո կանգնեցի մեծ հայելու առջև, որի վրա պատերազմը անկյունագծերով ճաք էր թողել՝ անդրադարձը փոքր֊ինչ աղավաղող, երբ աչքիս առաջ հայտնվեց բուֆերով, կտրվածքներով, զանգակներով այդ ողջ խայտաբղետ կարվածքը, իմ Կուրտ որդու մոտ ծիծաղ և հազի սուր բռնկում առաջ բերելով, ես ինքս ինձ ամենևին երջանիկ չզգալով՝ ցածրաձայն շշնջացի։

― Ահա, Օսկար, այժմ դու խեղկատակ Յորիկն ես։ Սակայն որտե՞ղ կճարվի այն թագավորը, որին դու կկարողանայիր ծաղրել։

Արդեն տրամվայում, որն ինձ պիտի հասցներ Ռաթինգյան դարպասներ, ակադեմիայից ոչ հեռու, ես նկատեցի, որ ժողովրդի մոտ, դե, մի խոսքով, նրա մոտ, ով կովբոյի կամ իսպանուհու հագուստ հագած, ուզում էր հիշողությունից դուրս մղել հիմնարկի իր բաժինը կամ վաճառասեղանը, ես ամնեևին էլ ոչ թե ծիծաղ, այլ ընդհակառակը, վախ էի առաջացնում։ Ինձանից մի կողմ էին քաշվում, և այդ իսկ պատճառով, չնայած լեփ֊լեցուն վագոնին, ես կարող էի նստարանի հաճույքը վայելել։ Ակադեմիայի դիմաց ոստիկանները թափ էին տալիս իրենց բացարձակապես իսկական և ամենևին էլ ոչ կոստյումավորված մահակները։ «Արվեստի խայտառակությունը»՝ այդպես էր կոչվում արվեստի երիտասարդ ծառաների տունը, լեփ֊լեցուն էր, սակայն ամբոխը փորձում էր գրոհել շենքը, ինչի առիթով, եթե ոչ արյունոտ, ապա բոլոր դեպքերում գոնե խայտաբղետ բախումներ ունեցավ ոստիկանության հետ։

Երբ Օսկարը իր ձախ թևքի վրա կարված փոքրիկ զանգակին ստիպեց ձայն հանել, ամբոխը նահանջեց, ոստիկանը, որը մասնագիտորեն գնահատեց իմ չափսերը, վերևից ներքև պատիվ տվեց, հարցրեց ինչ եմ ես ուզում և, մահակը թափահարելով, ինձ ուղեկցեց դեպի տոնական նկուղային դահլիճ, ուր դեռ եռում էին կրքերը։

Միայն թե թող ոչ ոք չկարծի, որ արվեստագետների տոնը դա այնպիսի տոն է, որն արվեստագետներն են տոնում։ Ակադեմիայի ուսանողների մեծ մասը կանգնած էր վաճառասեղանների ետևում, լուրջ, լարված և ամոթխած դեմքերով նայում այնտեղ, ուր դրված էին գարեջուր, շամպայն, նրբերշիկ ու փորձում էր նման ձևով ինչ֊որ բան վաստակել։ Ճիշտն ասած, արվեստագետների տոնի ծախսերը վճարում էին քաղքենիները, որոնք տարին մեկ անգամ շաղ էին տալիս փողերը և ցանկանում էին ապրել ու տոնել արվեստագետների նման։

Մոտավորապես մեկ ժամ ես աստիճանների վրա, անկյուններում ու սեղանների տակ վախեցնում էի զույգերին, որոնք նոր֊նոր պատրաստվում էին գոնե մի ինչ֊որ օգուտ քաղել անհարմարություններից։ Այնուհետև ծանոթացա երկու չինուհիների հետ, որոնց երակներով, հավանաբար, հունական արյուն էր հոսում, քանզի նրանք զբաղվում էին սիրով, որն արդեն շատ դարեր առաջ գովերգվել էր Լեսբոս կղզում։ Չնայած երկուսն էլ ճարպկորեն ու բազմամատ բավարարում էին մեկը մյուսի հաճույքը՝ հայացքիս միանգամայն հետաքրքրաշարժ տեսարան ներկայացնելով, նրանք չգրգռեցին իմ կարևոր տեղերը։ Հետո մենք միասին տաք շամպայն խմեցինք և, իմ թույլտվությամբ, նրանք փորձեցին ծայրագույն կետում շատ ծակող կուզիս դիմադրությունը և հավանաբար երջանիկ էին, ինչը հերթական անգամ հաստատում է դրույթը․ կուզը կանանց երջանկություն է բերում։

Սակայն կանանց հետ այդ շփումը որքան ավելի էր երկարում, այնքան ավելի թախծոտ էր դարձնում ինձ։ Մտքերը ձանձրացրել էին ինձ, քաղաքականությունն ինձ անհանգստացնում էր, և ես շամպայնով սփռոցի վրա նկարեցի Բեռլինի պաշարումը, ես վրձնով օդային կամուրջ էի նկարում երկու շինությունների միջև, որոնք ոչ մի կերպ չէին կարողանում միավորվել, կասկածեցի Գերմանիայի վերամիավորմանը և զբաղվեցի նրանով, ինչով Յորիկի կարգավիճակով երբեք չէի զբաղվել․ Օսկարը կյանքի իմաստն էր փնտրում։

Երբ իմ տիկնանց խելքին այլևս չփչեց մի այնպիսի բան, ինչի վրա արժենար նայել, և նրանք սկսեցին արտասուքներ թափել, որոնք նրանց շպարված չինական մռութների վրա դավաճանական հետքեր թողեցին, ես վեր կացա՝ կտրվածքներով, զանգակովս զնգզնգացնելով, իմ էության երկու երրորդով արդեն պատրաստվում էի գնալ տուն, միայն վերջին երրորդի համար կառնավալային փոքրիկ արկած էի փնտրում և տեսա․․․ ոչ, այդ նա ինձ հետ խոսեց, ավագ եֆրեյտոր Լանքեսը։

Դուք դեռ չեք մոռացել։ Մենք նրան հանդիպել ենք քառասունչորսի ամռանը, Ատլանտյան բերդապատնեշի մոտ։ Նա այնտեղ բետոն էր պահպանում և ծխում էր իմ խրատատու Բեբրայի սիգարետները։

Ես ուզում էի բարձրանալ աստիճաններով, որտեղ միմյանց կիպ սեղմվել էին, նստել և շուրթ շրթի համբուրվում էին զույգերը, ես ինքս ինձ կրակ տվեցի, այդ ժամանակ ինչ֊որ մեկը ինձ մատով հրեց, և վերջին համաշխարհային պատերազմի ավագ եֆրեյտորը հարցրեց․

― Հեյ, եղբայր, քեզ մոտ ինձ համար սիգարետ չի՞ գտնվի։

Զարմանալի չէ, որ նման ձևով դիմելուց հետո և նաև այն պատճառով, որ նրա կոստյումը մոխրագույն էր, զինվորական գույնի, ես անմիջապես ճանաչեցի նրան։

Սակայն ես չէի էլ մտածի ծոնոթությունս վերականգնելու մասին, եթե ավագ եֆրեյտորի, նույն ինքը՝ բետոնի նկարչի, ծնկների վրա նստած չլիներ մուսան, մարմնավորված կենդանի մուսան։ Թույլ տվեք ինձ նախ խոսել նկարչի հետ և հետո միայն նկարագրել մուսային։ Ես ոչ միայն սիգարետ տվեցի նրան, ես նույնիսկ իմ կրակայրիչը գործի դրեցի, և երբ նա ներշնչեց ծուխը, հարցրեցի․

― Ավագ եֆրեյտոր Լանքես, դուք ինձ պատահաբար չեք՞ ճանաչում։ Բեբրայի ռազմաճակատային թատրոնը։ Միստիկ բարբարոսական, ձանձրալի։

Նկարիչը վեր թռավ, երբ ես այդպես դիմեցի նրան, ճիշտ է, սիգարետը պահեց, սակայն մուսային ցած գցեց։ Ես բարձրացրեցի այդ հարբած ու ծխած երկարոտն մանկանը և վերադարձրեցի ըստ պատկանելիության։ Իսկ մինչ մենք երկուսս՝ Լանքեսն ու Օսկարը, հիշողություններ էին փոխանակում, կշտամբում էինք ավագ լեյտենանտ Հերցոգին, որը Լանքեսին հորինող էր անվանում, հարգանքի տուրք մատուցեցինք իմ խորհրդատու Բեբրային և նաև միանձնուհիներին՝ նրանց, որոնք այն ժամանակ Ռոմմելյան ծնեբեկի մեջ ծովային խեցգետիններ էին փնտրում, ես հիանում էի մուսայի հայտնությամբ։ Նա հայտնվեց ինչպես հրեշտակ, նրա վրա ձևավորված թղթազանգված կար, այդպիսիք օգտագործում են արտահանվող ձվերի փաթեթավորման համար և, չնայած ուժեղագույն հարբածությանը, թախծի մեջ խոնարհված ուսերին, նա դեռ էլի սփռում էր երկնակյացի թեթևակի հմայքը։

Սա Ուլլան է, ― նրան ինձ ներկայացրեց նկարիչ Լանքեսը։ ― Ընդհանրապես ասած՝ նա դերձակի մասնագիտություն էր սովորում, սակայն այժմ մտադրվել է արվեստով զվաղվել, ինչն ինձ ամենևին ձեռք չի տալիս, քանի որ կար ու ձևով նա ինչ֊որ բան էր կարող է վաստակել, իսկ արվեստով՝ ոչ։

Այդ ժամանակ Օսկարը, որը հենց արվեստով ոչ քիչ գումար էր վաստակում, թույլտվություն խնդրեց Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներին ներկայացնել Ուլլային՝ որպես բնորդուհի ու որպես մուսա։ Իմ առաջարկից Լանքեսը այնպես խանդավառվեց, որ իմ տուփի միջից միանգամից երեք սիգարետ վերցրեց, սակայն փոխարենը հրավիրեց այցելել իր արվեստանոցը, այդպիսի առաջարկը, սակայն, նա անմիջապես սահմանափակեց մինչև արհեստանոց տաքսու գումարը վճարելու պահանջով։

Մենք անմիջապես էլ գնացինք՝ դիմակահանդեսը զրկելով մեր ներկայությունից․ ես վճարեցի տաքսու համար, և Լանքեսը, որի արվեստանոցը գտնվում էր Զիտարդերշտրասե փողոցում, սպիրտյարոցի վրա սուրճ եփեց, ինչից մուսան կրկին ուշքի եկավ, իսկ այն բանից հետո, երբ իմ աջ ցուցամատի օգնությամբ փսխեց, նա լիովին սթափ էր թվում։

Միայն այն ժամանակ ես տեսա, որ նրա բաց երկնագույն աչքերը անփոփոխ զարմանք էին արտահայտում, լսեցի նաև նրա փոքր֊ինչ զրնգուն֊ծծվան, սակայն սրտաշարժ հմայքից զուրկ ձայնը։ Երբ նկարիչ Լանքեսը նրան տեղյակ պահեց իմ առաջարկի մասին և ավելի շուտ հրամայեց, քան թե առաջարկեց նրան Գեղարվեստի ակադեմիայում աշխատել որպես բնորդուհի, նա սկսզբում հրաժարվեց՝ չցանկանալով լինել ո՛չ ակադեմիայի մուսան, ո՛չ բնորդուհին, այլ ցանկացավ անբաժան պատկանել միայն նկարիչ Լանքեսին։ Սակայն վերջինս չոր և առանց ավելորդ բառերի, ինչպես և սովորաբար պիտի պահեն իրենց տաղանդավոր նկարիչները, ողջ թափով նրան ապտակ հասցրեց, կրկնեց իր հարցը, բավարարված, նախկին անտարբերությամբ ծիծաղեց, երբ նա, հեծկլտալով (հենց այդպես են լաց լինում հրեշտակները), պատրաստակամություն հայտնեց լավ վճարվող բնորդուհի, իսկ միգուցե նաև ակադեմիայի նկարիչների համար մուսա դառնալ։

Ընդ որում պետք է հաշվի առնել, որ Ուլլան մեկ մետր յոթանասունութ սանտիմետր հասակ ունի, որ նա ավելի քան վայելչակազմ է, դյութիչ ու փխրուն և դրանով իսկ ստիպում է միաժամանակ վերհիշել Բոտիչելլիին ու Կրանախին։ Մենք նրա հետ ողջ հասակով զույգ դիմանակար էինք պատկերում։ Պարզվեց, որ նրա երկար ու հարթ մարմինը, որը պատված էր մանկական նուրբ աղվամազիկներով, նույն գույնի է, ինչ լանգուստի միսը։ Նրա գլխի մազերը թերևս նոսր էին, սակայն երկար ու ծղոտագույն֊դեղնավուն։ Ցայլքի մազերը խուճուճ էին ու շիկավուն, ոչ մեծ եռանկյունի էին զբաղեցնում, իսկ թևատակի մազերը Ուլլան ամեն շաբաթ սափրում էր։

Ինչպես էլ պետք էր սպասել, սովորական աշակերտները չկարողացան մեզանից որևէ պետքական բան ստանալ․ նրանք մեկ նրան չափից դուրս երկար ձեռքերով էին նկարում․ մեկ ինձ՝ չափից դուրս մեծ գլխով, կարճ ասած՝ կրկնում էին բոլոր աշակերտներին բնորոշ սխալները․ նրանք չէին կարողանում կառուցել կոմպոզիցիան։

Միայն երբ մեզ հայտնաբերեցին Ցիգեն ու Ռասկոլնիկովը, հայտնվեցին կտավներ, որոնք արժանի էին այնպիսի երևույթի, ինչպիսին Մուսան ու Օսկարն էին։

Նա քնած է, ես վախեցրի նրան․ այծամարդն ու հավերժահարսը։

Ես չորեքթաթ եմ, նա իմ փոքրիկ, մշտապես կարծես թե մրսած կրծքերով խոնարհվում է ինձ վրա․ գեղեցկուհին ու հրեշը։

Նա պառկած է, ես, նրա ոտքերի արանքում պարսատիկով ու ձիու դիմակով խաղալով, զվարճանում եմ․ տիկինը և միաեղջույրը։

Եվ այս ամենը Ցիգեի ու Ռասկոլնիկովի ոգով, երբեմն գունավոր, երբեմն վեհանձն մոխրագույն երանգներով, երբեմն դետալները, որոնք նրբագույն վրձնով են նկարված, երբեմն կրկին Ցիգեի ու Ռասկոլնիկովի ոգով, երբեմն Ուլլայի ու Օսկարի շուրջ խորհրդավորությունը տրված է միայն ակնարկով, և հետո միայն հենց Ռասկոլնիկովն է մեր օգնությամբ գտնում ճանապարհը դեպի սյուրեալիզմ։ Մեկ Օսկարի դեմքը վեր է ածվում պղնձադեղին թվատախտակի, ինչպիսին մի ժամանակ ունեին մեր ժամացույցները, մեկ իմ կուզի վրա ծաղկում էին մեխանիկորեն ոլորված բեղիկներով վարդերը, և Ուլլան պետք է դրանք քաղի, մեկ ես նստած եմ կտրվածքով բացված, վերևում ժպտացող, ներքևում երկարոտն Ուլլայի ներսում և ինչ֊որ տեղ նրա փայծաղի ու լյարդի միջև նկարազարդ գրքերի էջերն եմ թերթում։ Դրանից բացի, մեզ հաճույքով զգեստավորում էին տարբեր հագուստներով, Ուլլային դարձնում էին Կոլոմբինա, ինձ՝ դեմքիս սպիտակ ներկ քսած թախծոտ միմոս։ Եվ ի վերջո, հատկապես Ռասկոլնիկովին էին վստահում մեծ կտավ նկարելը, իսկ նրան այն պատճառով էին Ռասկոլնիկով անվանում, որ նա մշտապես կրկնում էր ոճրի ու պատժի մասին։ Ես նստել էի Ուլլայի ձախ, թեթև աղվամազով պատված ծնկի վրա՝ մերկ երեխա֊հրեշ, և նա պատկերում էր Աստվածամորը։ Իսկ Օսկարը բնորդում էր Հիսուսի դերում։

Հետագայում այդ կտավը «Աստվածամայր֊քառասունինը» անվամբ անցավ բազմաթիվ ցուցահանդեսներով և, նույնիսկ որպես հասարակ ցուցապաստառ, կարողացավ տպավորություն թողնել, քանզի հայտնվեց իմ օրինակելի Բյուրգերուհի Մարիայի աչքերին, առաջ բերեց տնային աղմկոտ վիճաբանություն, հետո բավականին մեծ գումարով գնվեց մի արդյունաբերողի կողմից և հնարավոր է, որ մինչ օրս էլ կախված է ինչ֊որ տեղ, ինչ֊որ մի վարչարարական շենքի նիստերի դահլիճում՝ ազդեցություն թողնելով վարչության անդամների վրա։

Ինձ դուր էին գալիս այն տաղանդավոր սանձարձակությունները, որ նրանք ձեռնարկում էին իմ կուզի ու համաչափությունների հետ։ Դրան գումարվեց նաև այն, որ երբ Ուլլային և ինձ, մեր հանրաճանաչ կարգավիճակով մեկ ժամ կեցվածք ընդունելու համար, վճարում էին երկու մարկ հիսուն պֆենիգ։ Ուլլան ևս լիովին համարկերպվեց բնորդութհու դերի հետ։ Մեծ ու պատժիչ աջ ձեռքով նկարիչ Լանքեսը սկսեց շատ ավելի լավ վերաբերվել Ուլլային, երբ վերջինս սկսեց պարբերաբար փող բերել տուն, իսկ նա նրան հարվածում էր միայն, հանճարեղ վերածացությունների համար, որը սուտ օպտիկական նկատառումներից ելնելով, ոչ մի անգամ Ուլլային որպես բնորդուհի չէր օգտագործում, նա նույնպես հայտնի իմաստով դարձավ մուսա, քանզի միայն այն ապտակը, որը նա նվիրեց աղջկան, նրա ձեռքին, նկարչի ձեռքին՝ իրական ստեղծագործական ուժ հաղորդեց։

Ճիշտ է, իր տրտնջալից փխրունությամբ, որն ըստ էության հրեշտակի դիմացկունություն էր, Ուլլան ինձ էլ դրդեց բռնության, սակայն ես կարողանում էի ինձ տիրապետել, և ամեն անգամ, երբ ես մտրակով հարվածելու չափից դուրս մեծ ցանկություն էի ունենում, դրա փոխարեն ես նրան հրուշակեղեն ուտելու էի հրավիրում, տանում էի պնճնամոլության թեթև երանգով, որը ձեռք էի բերել արվեստագետների հետ շփվելով, որպես իմ համաչափությունների կողքին երկար ցողունով հազվագյուտ ծաղկի հետ զբոսնելով, քայլում էի բանուկ և աչքերը չռած դիտող Քյոնիգսալլեով և նրան մանուշակագույն երկար գուլպաներ ու վարդագույն ձեռնոցներ էի գնում։ Ամեն ինչ այլ տեսք ուներ նկարիչ Ռասկոլնիկովի մոտ, որը, նույնիսկ Ուլլային չմոտենալով, նրա հետ ինտիմ կապի մեջ էր գտնվում։ Այսպես, մի անգամ նա աղջկան ստիպեց պտտվող շրջանի վրա լայն բացված ոտքերով կեցվածք ընդունել, ընդ որում ոչ թե սկսեց նկարել, այլ նստելով աթոռակի վրա, հենց նրա պատճառական տեղի դիմաց, մի քանի քայլ հեռու, և համառորեն ինչ֊որ բան փնթփնթալով ոճրի ու պատժի մասին, աչքերը հառեց այնտեղ, մինչև որ մուսայի այդ տեղը չխոնավացավ ու լայն չբացվեց։ Նաև Ռասկոլնիկովն ինքը խոսակցությունների ու հայացքների շնորհիվ հասավ բավարար արդյունքի, այնուհետև վեր թռավ իր աթոռակի վրայից ու նկարակալի վրա լայն֊լայն վրձնախզվածքներով սկսեց իր «Մադոննա֊49»֊ը։

Երբեմն ինձ վրա էլ էր Ռասկոլնիկովը իր աչքերը չռում՝ չնայած այլ պատճառներով։ Նա գտնում էր, որ ինձ մոտ ինչ֊որ բան է պակասում։ Նա անընդհատ կրկնում էր, որ իմ ձեռքերի միջև ինչ֊որ մի դատարկություն է առաջանում և հերթով իմ ձեռքը ինչ֊որ առարկաներ էր խցկում, որպիսիք նրա սյուռեալիստական երևակայության պայմաններում ավելի շատ էին մտքին գալիս, քան պետք էր։ Այսպես, նա ինձ զինեց ատրճանակով, ստիպեց ինձ՝ Հիսուսիս, նշան բռնել Մադոննայի վրա։ Ես պատրաստ էի նրան մեկնել ավազե ժամացույցը, հայելին, որը նրան սարսափոլիորեն տգեղացնում էր, քանի որ ուռուցիկ էր։ Մկրատները, ձկան կմախքները, հեռախոսների լսափողները, զանգերը, փոքրիկ ինքնաթիռները, զրահամեքենաները, օվկիանոսային շոգենավերը ես բռնում էի երկու ձեռքով։ Բայց և այնպես, Ռասկոլնիկովը շուտով դա նկատեց, ես չէի կարողանում դատարկությունը լրացնել։

Օսկարը սարսափով էր սպասում այն օրվան, երբ նկարիչը կբերի մի առարկա, որը նախատեսված է միայն այն բանի համար, որպեսզի ես այն բռնեմ իմ ձեռքերի մեջ։ Իսկ երբ ի վերջո նա թմբուկ բերեց, ես գոռացի․

― Ո՜֊ոչ։

Ռասկոլնիկովը․ ― Վերցրու թմբուկը, Օսկար, ես ճանաչեցի քեզ։

Ես ողջ մարմնովս դողալով․ ― Ոչ մի դեպքում։ Մեկընդմիշտ վերջ է տրված դրան։

Նա՝ մռայլ․ ― Ոչինչ էլ վերջացած չէ, ամեն ինչ վերադառնում է, ոճիր, պատիժ և կրկին ոճիր։

Ես՝ ուժերիս վերջին լարումով․ ― Օսկարը արդեն քավել է իր մեղքերը, ներեք նրան թմբուկի համար, ես ամեն ինչ պատրաստ եմ բռնել, միայն թե ոչ այդ թիթեղը։

Ես լաց էի լինում, երբ մուսա Ուլլան խոնարհվեց ինձ վրա, և ես, արտասուքներիցս կուրացած, չէի կարող խանգարել այն բանին, որ մուսան համբուրեր ինձ, իր սարսափելի համբույրով համբուրեր ինձ։ Դուք բոլորդ, ում երբևէ դիպել է մուսայի համբույրը, հավանաբար կհասկանաք, որ այդ խարանող համբույրից հետո Օսկարը կրկին ձեռքը վերցրեց այն թիթեղը, որը շատ տարիներ առաջ դեն էր նետել, թաղել էր Զասպեի գերեզմանատան ավազի մեջ։

Սակայն ես չսկսեցի թմբկահարել, ես ուղղակի կեցվածք ընդուներցի և, ինչն արդեն ինքըստինքյան բավականին վատ է, «Մադոննա֊49»֊ի մերկ ձախ ծնկան վրա նկարվեցի որպես թմբկահարող Հիսուս։

Հենց այդպիսին էլ Մարիան ինձ տեսավ ցուցապաստառի վրա, որը տեղեկացնում էր գեղարվեստական ցուցահանդեսների մասին։ Ինձ չզգուշացնելով նա եղավ այդ ցուցահանդեսում, հավանաբար երկար ժամանակ կանգնել էր այդ կտավի դիմաց և լցվել զայրույթով, քանզի ավելի ուշ, պատասխանի կանչելով, ինձ հարվածներ հասցրեց հենց իմ որդի Կուրտի դպրոցական քանոնով։ Նա, որ արդեն մի քանի ամիս առաջ լավ վճարվող տեղ էր գտել նրբախորտիկների մեծ խանութում, սկզբում վաճառոհուղու տեղ, իսկ հետո, ժրաջանության համար, գանձապահուհու։ Այժմ նա իմ հանդեպ իրեն պահում էր որպես արևմուտքում լիովին ընտելացած անձ, այլ ոչ որպես արևելքից փախստականուհի, որը զբաղվում էր վերավաճառքով, և այդ իսկ պատճառով նա համոզմունքի մեծ ուժով կարող էր ինձ անվանել խոզ, ապականված անձնավորություն, գոռում էր նաև, որ այլևս չի ցանկանում տեսնել այն անիծյալ փողերը, որոնք ես աշխատում եմ իմ նողկալիություններով, և ինձ ևս նա չի ցանկանում տեսնել։ Ճիշտ է, վերջին խոսքերը Մարիան շատ արագ հետ վերցրեց և երկու շաբաթ անց տնտեսական ծախսերի համար բռնագրավեց իմ աշխատավարձի զգալի մասը, սակայն ես որոշեցի վերջ դնել նրա, նրա քրոջ՝ Հուստայի և իմ որդի Կուրտի հետ համատեղ բնակվելուն, որոշեցի մեկնել որքան հնարավոր է հեռու, օրինակ, Համբուրգ, հնարավորին չափ ծովին մոտիկ, եթե հաջողվի։ Սակայն Մարիան, որը շուտափույթ հավանություն տվեց իմ տեղափոխմանը, այնուամենայնիվ, իր քրոջ՝ Հուստայի աջակցությամբ պնդեց, որպեսզի ես սենյակ փնտրեմ իրենից ու փոքրիկ Կուրտից ոչ հեռու ինչ֊որ տեղ, ամեն դեպքում Դյուսելդորֆից ոչ մի կերպ ավելի հեռու։


Ոզնի

Վերականգնված, կտրված, արմատախիլ արված, մասնակից դարձված, քամուց քշված, զգացմունքների միջոցով ըմբռնած, միայն վարձակալի կարգավիճակով Օսկարը բնակիչներից յուրացրեց թմբուկին վերադառնալու արվեստին։ Ոչ միայն հենց սենյակը, այլև Ոզնին և դագաղագործի բակի արհեստանոցը, և պարոն Մյունցերը օգնեցին ինձ վերադառնալ, և քույր Դորոտեան ևս խթանիչ դեր խաղաց։

Հիշո՞ւմ եք Պարցիֆալին։ Ահա և ես նույնպես ոչ այնքան։ Թերևս միայն ձյան վրա երեք արյան կաթիլների պատմությունը։ Պատմությունը ճշմարտանման է, որովհետև կիրառելի է իմ նկատմամբ։ Միգուցե նա յուրաքանչյուրի համար է կիրառելի, որ որևիցե մի գաղափար ունի։ Սակայն Օսկարը գրում է իր մասին, և այդ իսկ պատճառով նույնիսկ մի տեսակ կասկածելի է, որ այն գրված է, կարծես չափ ու ձևված, նրա համար։

Ճիշտ է, ես առաջվա պես ծառայում էի արվեստին՝ թույլ տալով ինձ սևացնել ու կանգնեցնել ինչ֊որ ֆոնի վրա, Ուլլա անունով մուսայի հետ համատեղ ես ողջ մի կիսամյակ արգասաբեր էի դարձնում Գեղարվեստական ակադեմիան՝ մենք նաև հաջորդ, ամառային կիսամյակին չզրկեցինք մուսայի բարեմաղթանքներից, սակայն արդեն տեղաց ձյունը՝ դա բուժքրոջ աշխատանքային հագուստն է, կարմիր խաչը, որը քույրերի մեծ մասը, և, հետևաբար, քույր Դորոթեան կրում են բրոշի կենտրոնում, որն ամրացնում էր օձիքը, փայլում էր իմ աչքին՝ երեք կաթիլ արյան փոխարեն։ Եվ ահա ես նստել և չէի կարողանում հեռացնել աչքերս։

Սակայն մինչև Ցայդլերի բնակարանի նախկին լոգասենյակում բնակվելը, անհրաժեշտ էր դեռ գտնել այն՝ այդ սենյակը։ Հենց ավարտին էր մոտենում ձմեռային կիսամյակը, որոշ ուսանողներ հրաժարվեցին իրենց բնակարաններից, Զատկին գնում էին տուն, իսկ հետո վերադառնում կամ չէին վերադառնում։ Իմ գործընկերը՝ նույն ինքը իմ մուսա Ոլլան, օգնում էր ինձ բնակարան գտնել, նա ինձ հետ եկավ ուսանողական խորհուրդ, այնտեղ մի կույտ հասցե և ակադեմիայից հանձնարարական նամակ տվեցին։

Նախքան բնակարանի որոնումներն սկսելը ես երկար ընդմիջումից հետո այցի գնացի Աղոթատան արահետի վրայի քարհատ Քորնեֆի արհեստանոց։ Կապվածությունը ստիպեց ինձ ճամփա ընկնել, և բացի դա ես արձակուրդների ժամանակ աշխատանք էի փնտրում, քանզի այն մի քանի ժամերը, որոնք ես Ուլլայի հետ կամ առանց նրա պետք է կանգնեի որոշ պրոֆեսորների մոտ չորս սեանսներին, հազիվ թե կարողանայի մոտակա մեկ ու կես ամիսներին ինձ կերակրել, և բացի այդ էլ պետք էր կահավորված սենյակի համար փող աշխատել։

Ես Քորնեֆին գտա նախքին տեսքով՝ երկու գրեթե լավացած և մեկ դեռևս չհասունացած մկնոռախտերը վզին՝ նա խոնարհվել էր բելգիական գրանիտից սալաքարի վրա, որը կանգնեցրել էր ուղղահայաց դիրքով, իսկ այժմ հարվածը հարվածի ետևից նրա վրա ակոսներ էր տաշում։ Մենք խոսեցինք դեսից դենից, ես ոչ առանց ակնարկի խաղում էի փորիչի հետ, հայացքս անցկացրի ցուցադրված քարերի վրայով, որոնք արդեն հարթեցված էին, փայլեցված և սպասում էին միայն, թե երբ իրենց վրա գրություն կփորագրեն։ Երկու մեղադրյալները՝ խեցեքարն ու երկու հոգու գերեզմանի համար սիլեզյան մարմարը այնպիսի տեսք ունեին, կարծես Քորնեֆը արդեն նրանց վաճառել է ու միայն գործիմաց գրանիտագործի է սպասում։ Ես ուրախացա քարհատի համար, որը փողային ռեֆորմից հետո դժվարին ժամանակ վերապրեց։ Ընդ որում, արդեն այն ժամանակ էլ մենք կարողանում էինք մեզ սփոփել հետևյալ իմաստությամբ․ նույնիսլ ամենակենսահաստատ փողային ռեֆորմը չի կարող մարդկանց ետ պահել մահանալու և իրենց համար գերեզմանաքարեր պատվիրելու սովորությունից։

Հենց մեր ասածով էլ եղավ, մարդիկ կրկին սկսեցին մահանալ, ու կրկին գնել։ Դրանից բացի, սկսվեցին պատվերներ, որոնք մինչև ռեֆորմը գրեթե չէին լինում։ Մսագործները սկսեցին իրենց կրպակների ճակատային մասերն ու ներսը պատել Լանի խայտաբղետ մարմարով, բանկերից ու առևտրի տներից շատերի վնասված տուֆի ու ավազաքարի մեջ անհրաժեշտ էր էլի միջնամետաղաձողեր խփել, լրացնել, որպեսզի բանկերն ու առևտրի տները կրկին ընդունեն արժանի տեսք։

Եա գովեցի Քորնեֆի աշխատանքային կիրքն ու հարցրեցի, թե կկարողանա՞ արդյոք նա կատարել իր պատվերները։ Սկզբում Քորնեֆը խուսափողական պատասխան տվեց, հետո, այնուամենայնիվ, խոստովանեց, որ երբեմն կցանկանար չորս ձեռքեր ունենալ և ի վերջո ինձ առաջարկեց, որ ես յուրաքանչյուր օրվա կեսը իր մոտ տպատառեր փորագրեմ։ Կավաքարի վրա գրության համար նա վճարում է քառասունհինգ պֆեենիգ, գրանիտի կամ դիաբազի վրա՝ ամեն տառը հիսունհինգ պֆենիգ է, ուռուցիկ տառերը համապատասխանաբար արժեն վաթսունական ու յոթանասունհինգական պֆենիգ։

Եա անմիջապես անցա խեցաքարին, արագ ընտելացա տառերի հետ աշխատանքին և սեպագրությամբ տաշեցի․ «Ալոիս Կրուֆեր ― ծնվ․ 3.9. 1887 ― մահ․ 10.6.1946», երեսուն տառերի, նշանների ու թվերի հետ գործը գլուխ բերեցի չորսից քիչ պակաս ժամում և հեռանալուց առաջ գնացուցակի համաձայն ստացա երեսուն մարկ և հիսուն պֆենիգ։

Դա կազմում էր իմ բնակարանի ամսավճարի երրորդ մասը, ես ինձ այդքանը կարող էի թույլ տալ։ Քառասունից ավելին վճարել ես և չէի կարող և չէի ուզում, քանզի Օսկարը իր պարտականությունն էր համարում այսուհետ ևս, գոնե համեստ, փող տալ Բիլկի տնտեսության համար, Մարիայի, տղայի ու Հուստայի համար։

Այն չորս հասցեներից, որոնք ստացել էի ակադեմիայի ուսանողական խորհրդի բարյացակամ տղաներից, ես ընտրեցի այս մեկը Ցայդլեր, Յուլիխշտրասե, յոթ, քանի որ այնտեղից մինչև ակադեմիա առավել մոտ էր։

Մայիսի սկզբին, երբ շոգ էր, մշուշոտ և ընդհանրապես ներքին հռենոսյան ձևով ես, ինձ հետ անհրաժեշտ կանխիկ գումար վերցնելով, ընկա ճամփա։ Մարիան նորացրեց իմ կոստյումը, և ես լիովին պաճուճազարդ տեսք ունեի։ Այն տունը, որի չորրորդ հարկում երեքսենյականոց բնակարան էր զբաղեցնում Ցայդլերը, տեղակայված էր փոշոտ շագանակենու ետևում և ամբողջապես պատված էր լորենու թողած բրդերով։ Քանի որ Յուլիխշրասեն հիմնականում փլատակների էր վերածված, դժվար էր որևէ բան ասել հարևան տների, ինչպես և դիմացի տան մասին։ Խոտով ու գորտուկներով պատված սարը՝ ձախ կողմից նրա միջից դուրս ցցված երկաթե ժանգոտված սյուներով թույլ էր տալիս կռահել, որ ինչ֊որ ժամանակ այստեղ՝ Ցայդլերի տան կողքին, կանգնած էր եղել հինգհարկանի տուն։ Աջից հաջողվել էր մինչև երրորդ հարկը վերականգնել տունը, որն ամբողջապես չէր ավերվել։ Սակայն այնուհետև հավանաբար միջոցները չէին բավարարել։ Մնում էր էլի կարգի բերել բազմաթիվ տեղերում վնասված ու ճաքճքած, փայլեցված շվեդական սև գրանիտե ճակատային մասը։ «Թաղման ինստիտուտ Շերնեման» գրության մեջ բավական շատ, արդեն չեմ էլ կարող հիշել թե որ, տառերն էին պակասում։ Երջանկաբար, հայելային գրանիտի վրա դեռևս երկու սեպագիր փորագրված արմավենու ճյուղեր էին մնացել և, նշանակում է, նրանք կարող էին կիսավեր շենքին գոնե մասամբ պարկեշտ տեսք հաղորդել։

Ավելի քան յոթանասունհինգ տարի գոյություն ունեցող այդ հիմնարկության դագաղների վաճառքը կատարվում էր բակում և իմ սենյակից, որի պատուհանները այդ կողմից էին, բավականին հաճախ գրավում էր իմ ուշադրությունը։ Ես նայում էի բանվորներին, որոնք լավ եղանակին սրահից դուրս էին գլորում դագաղները, դրանք դնում էին իշոտնուկների վրա, որպեսզի բոլոր մատչելի միջոցներով նորացնեն փայլը այդ տարողությունների, որոնք ինձ սովոր ձևով ոտքերի մասում նեղանում էին։

Զանգահարեցի, Ցայդլերն ինքը բացեց դուռը և հայտնվեց իմ առջև, դռների մեջ՝ կարճահասակ, ամրակազմ, փնչացնելով, ցից֊ցից տնկված մազերով, ինչպես ոզնի։ Նա հաստ ապակիներով ակնոց էր կրում, դեմքի ներքևի հատվածը ծածկել էր օճառի հարված փրփուրը։ Աջ ձեռքով նա այտին էր սեղմել վրձինը և, դատելով տեսքից, հարբեցող էր, իսկ առոգանությամբ վեստֆալցի։

― Եթե սենյակը ձեզ դուր չգա, անմիջապես ասեք։ Ես էլ հենց սափրվում եմ, դեռ ոտքերս էլ չեմ լվացել։

Ցայդլերը ակնհայտորեն սովոր չէր ձևականություններ պահպանելուն։ Ես զննեցի սենյակը։ Այն ոչ մի կերպ ինձ դուր գալ չէր կարող, որովհետև պարզվեց, որ այլևս իր ուղղակի նշանակությամբ և մինչև կեսը փիրուզե սալիկներով շարված, իսկ դրանից վեր անհանգիստ գույնի պաստառով պատված լոգասենյակ է։

Բայց, այնուամենայնիվ, չասացի, որ այդպիսի սենյակը դուր գալ չի կարող։ Քամահրելով Ցայդլերի դեմքի վրա չորացող օճառափրփուրը և մինչ այժմ այդպես էլ չլվացված ոտքերը, ես զննեցի ողջ լոգարանը, ուզում էի պարզել, թե չի՞ կարելի արդյոք, ընդհանրապես առանց դրա բավարարվել՝ նամանավանդ, որ, միևնույն է, այն այդպես էլ ջրահոսքի տեղ չունի։

Ցայդլերը ժպիտով շարժեց իր ալեհեր ոզնին՝ ապարդյուն փորձելով միաժամանակ վրձնիկով հարել փրփուրը։ Դա էլ հենց նրա պատասպանն էր, և այդ ժամանակ ես ասացի, որ պատրաստ եմ ամիսը քառասուն մարկով վարձակալել լոգարանով սենյակը։

Երբ մենք կրկին հայտնվեցինք ժլատորեն լուսավորված աղիքի նմանվող միջանցքում և դեմ առանք տարբեր գույներով ներկված, երբեմն ապակեպատ դռներով շինությունների, ես հետաքրքրվեցի, թե էլի ով է ապրում Ցայդլերի բնակարանում։

― Իմ կինը և վարձակալներ բնակիչներից։

Ես թակեցի միջանցքի կենտրոնի անթափանցիկ ապակով դուռը, որը ելքի դռնից միայն մի քայլ էր հեռու։

― Այստեղ բուժքույր է ապրում, սակայն դա ձեզ չի վերաբերում։ Միևնույն է, դուք նրան չեք տեսնի։ Նա այստեղ է գալիս միայն քնելու և այն էլ ոչ ամեն անգամ։

Չեմ համարձակվի հաստատել, թե իբր Օսկարը ցնցվեց «քույր» բառը լսելով։ Ճիշտ է, նա գլխով արեց, սակայն չհամարձակվեց մյուս սենյակների մասին հարցեր տալ, իսկ իրենի՝ լոգարանովի մասին նա առանց այն էլ ամեն ինչ գիտեր, այն գտնվում էր մուտքից աջ, և նրա դուռը լայնությամբ ճիշտ ու ճիշտ ծածկում էր միջանցքի պատը։

Ցայդլերը մատով թխկթպկացրեց իմ դարձակալին․

― Իսկ եփել֊թափել դուք կարող եք ձեզ մոտ, եթե սպիրտայրոց ունեք։ Ինձ որ մնա, թեկուզ և երբեմն խոհանոցում, եթե իհարկե ձեր ձեռքերը գազոջախին հասնեն։

Դա առաջին դիտողությունն էր Օսկարի հասակի վերաբերյալ։ Գեղարվեստների ակադեմիայի հանձնարարական նամակը, որը նա արագ աչքի անցկացրեց, իր դերը խաղաց, քանզի գրված էր ակադեմիայի տնօրեն Ռոյզերի կողմից։ Այդ բոլոր ցուցակներին ես պատասխանում էի «այո֊այո» և «ամեն», ես նկատեցի, որ խոհանոցը տեղակայված է իմ սենյաից դեպի ձախ, խոստացա նրան, որ սպիտակեղենը լվանալու կհանձնեմ տանից դուրս։ Իսկ քանի որ նա վախենում էր, թե խոնավության պատճառով լողասենյակի պաստառները մեկ էլ տեսար կարող են պոկվել, ես դա հավաստեցի նույնիսկ որոշակի համոզվածությմաբ, քանի որ Մարիան արդեն նախօրոք խոստացել էր իմ սպիտակեղենը լվանալ։

Այժմ պետք էր գնալ իրերիս ետևից և լրացնել տեղափոխման բլանկները։ Սակայն Օսկարը դա չարեց․ նա չէր կարող ուղղակի այպես լքել բնակարանը։ Առանց որևէ առիթի նա իր ապագա բնակատիրոջը խնդրեց ցույց տալ իրեն զուգարանը, վերջինս բութ մատը տնկեց նրբատախտակե դռան վրա, որը հիշեցնում էր պատերազմական ու առաջին ետպատերազմական տարիների մասին։ Իսկ երբ Օսկարը որոշեց անմիջապես մտնել այնտեղ, Ցայդլերը, որի դեմքի վրա օճառի սառած փրփուրը փշրվում ու քոր էր գալիս, միացրեց այնտեղի լույսը։

Արդեն ներսում ինքս զայրացա ինձ վրա, քանի որ Օսկարին այնտեղ ոչինչ պետք չէր։ Սակայն համառորեն սպասում էի, մինչև որ կարողանամ գոնե մի քիչ ջուր թափել և միզապարկիս ներսում փոքր ճնշման պայմաններում ստիպված էի շատ ջանք թափել՝ նաև այն պատճառով, որ գրեթե ընդհուպ մոտեցել էի փայտե անցքին, որպեսզի չթրջեմ նստատեղն ու նեղ խցիկի սալապատ հատակը։ Իմ թաշկինակը վերացրեց նստելուց մաշված փայտի վրայի հետքերը, իսկ կրունկներով Օսկարը ստիպված էր սրբել սալիկների վրայի անզգույշ կաթիլները։

Չնայած չորացած օճառի տհաճ զգացումին՝ Ցայդլերն իմ բացակայության ժամանակ չէր էլ մտածել թրաշվելու համար հայելի ու տաք ջուր փնտրել։ Նա սպասում էր միջանցքում։ Հավանաբար ես այնքան էլ շատ դուր չէի եկել նրան։

― Այ թե դու տիպն ես։ Պայմանագիրը դեռ ստորագրված չէ, իսկ նա արդեն զուգարան է գնում։

Նա սառը, չորացած վրձնիկը ձեռքին մոտեցավ ինձ՝ հավանաբար ցանկանալով ինչ֊որ հիմար կատակ անել, սակայն հետո, ինձ մի բառով անգամ չվիրավորելով, բացեց մուտքի դուռը։ Մինչ Օսկարը թիկունքով Ոզնու կողքով, և մասամբ էլ Ոզնուն հետևելով, դուրս եկավ միջանց, ես ինքս իմ մեջ նկատեցի, որ զուգարանի դուռը գտնվում է հենց խոհանոց տանող դռան և այն անթափանցիկ ապակուց դռան միջև, որի ետևում հազվադեպ, այլ բառերով, ոչ պարբերաբար, գիշերներ է անցկացնում ոմն բուժքույր։

Երբ երեկոյան մոտ Օսկարն իր ուղեբեռով, որի կողքից կախված էր նաև Ռասկոլնիկովի՝ Աստվածամոր նկարչի նվիրած թիթեղյա նոր թմբուկը, կրկին սեղմեց Ցայդլերի դռան զանգը։ Թարմ սափրված Ոզնին, որը, պետք է կարծել, այդ ընթացքում արդեն հասցրել էր ոտքերը լվանալ, լրացված բլանկները թափահարելով, ինձ տարավ հյուրասենյակ։

Այնտեղից հանգցրած սիգարետի հոտ էր գալիս։ Այնտեղից բազմակի անգամ ծխված սիգարների հոտ էր գալիս։ Դրան գումարվում էին նաև խողովակաձև փաթաթված և սենյակի անկյունում դարսակույտերով շարված բազմաթիվ, հնարավոր է, շատ թանկարժեք գորգերի գոլորշիացումները։ Եվ այնտեղից գալիս էր նաև հին օրացույցների հոտ։ Սակայն ես ոչ մի տեղ օրացույցներ չտեսա, օրացույցների հոտը գորգերից էր գալիս։ Բայց ահա կաշեպատ հարմարավետ բազկաթոռներից տարօրինակ ձևով ոչ մի հոտ չէր գալիս։ Դա ինձ ծայրաստիճան հիասթափեցրեց, քանզի Օսկարը, որն իր կյանքում դեռ կաշվե բազկաթոռի չէր նստել, կաշվի հոտի վերաբերյալ այնքան հստակ պատկերացում չուներ, որ Ցայդլերի բազկաթոռների ու աթոռների երեսքաշը նրա մեջ խիստ կասկածանք առաջացրեց ու արհեստական կաշվի տեղ ընդունվեց։

Նման հարթ ձևեր ունեցող, հոտից զուրկ և, ինչպես հետագայում պարզվեց, բնական կաշվով պատված բազկաթոռներից մեկի մեջ նստած էր ֆրաու Ցայդլերը։ Նրա հագինը մարզական կտորից վատ կարված մի կոստյում էր։ Կլոր կիսաշրջազգեստը քշտվել էր ծնկներից վեր՝ ցուցադրելով ներքնահագուստի երեք մատի լայնությամբ երիզը։ Քանի որ նա չուղղեց քշտված հագուստը, և նրա աչքերը, ինչպես Օսկարին թվաց, արտասվաթաց էին, ես իմ կողմից չհամարձակվեցի սկսել ողջույնի խոսակցություն, որպեսզի հընթացս ներկայացնեի նաև ինձ։ Ես լուռ, խոնարհաբար գլուխ տվեցի, ընդ որում դրա ավարտը կրկին հասցեագրված էր Ցայդլերին, որը բութ մատի շարժումով ու կարճ հազոցով ինձ ներկայացրեց կնոջը։

Սենյակը մեծ էր և քառակուսի տեսք ուներ։ Տան դիմաց աճող շագանակենին մթնեցնում էր այն, մեծացնում էր ու փոքրացնում։ Ճամպրուկս ու թմբուկս թողեցի դռների մոտ, իսկ ինքս գրանցման բլանկով մոտեցա Ցայդլերին, որը կանգնած էր միջնորմի մոտ։ Օսկարը չլսեց սեփական քայլերը, քանզի քայլում էր, ինչպես հետագայում ինձ հաջողվեց հաշվել, միաժամանակ, չորս գորգերի վրայով, որոնք փռված էին մեկը մյուսի վրա և որքան վեր՝ այնքան փոքր չափսերի՝ իրենց զանազան գույներով ներկված ծոպերով կամ առանց ծոպերի եզրերով ներկայացնելով խայտաբղետ աստիճաններ, որոնց ներքևի աստիճանը շագանակարմրավուն էր և սկսվում էր սենյակի պատերի մոտից։ Երկրորդը, ասենք կանաչը, փախչում էր կահույքի, օրինակ, լայնարձակ ամուսնական մահճակալի ծանր պահարանի տակ, որը լի էր լիկյորների գավաթներով, որոնք այնտեղ տասնյակներով էին շարված։ Իսկ ահա երրորդ գորգի կապույտ ու նախշավոր եզրը մի անկյունից մինչև մյուսը բաց էր հայացքի համար։ Չորրորդի՝ գինեկարմրագույն թավշի, առջև խնդիր էր դրված իր վրա պահել կլոր, պահպանության նպատակով մոմլաթով պատված բացովի սեղանը և զարդարելու նպատակ ունեցող մետաղական կոճգամներով չորս կաշեպատ աթոռները։

Քանի որ բազմաթիվ գորքեր էլ կային, որոնք ըստ էության պատի չէին, կախված էին պատերից կամ խողովակի պես ոլորված՝ սառչում էին անկյունում, Օսկարը եկավ այն հետևության, որ մինչև ռեֆորմը Ոզնին զբաղվելիս է եղել գորգերի առևտրով, իսկ ռեֆորմից հետո այդպես էլ մնացել է դրանց վրա նստած։

Միակ կտավը, որը կախված էր սենյակին արևելյան կոլորիտ հաղորդող գորգերի միջև, պատուհանների միջնորմների միջև, Բիսմարկի ապակեպատ դիմանկարն էր։ Իր հետույքով լցնելով կաշեպատ բազկաթոռը՝ Ոզնին նստել էր հնօրյա կանցլերի տակ և նույնիսկ ցույց էր տալիս նրա հետ իր նմանությունը։ Երբ նա իմ ձեռքից վերցրեց տեղփոխման բլանկը, ինչից հետո սուր աչքով, քննադատաբար ու ակնհայտ անհամբերությամբ ուսումնասիրեց երկու կողմերը, կնոջ շշնջոցով տված հարցը, թե ամեն ի՞նչ է այդտեղ կարգին, նրա մոտ ցասման սուր բռնկում առաջ բերեց, որը նրան ավելի հարազատացրեց երկաթյա կանցլերի հետ։ Բազկաթոռը դուրս թքեց նրան։ Նա կանգնել էր չորս գորգերի վրա, նա իրեն ու իր փքված բաճկոնը հագին, մի ցատկով հայտնվեց իր կնոջ գլխին, որը խոնարհված էր կար ու ձևի վրա, թափեց հետևյալ արտահայտությունը․ «Ովէայստեղբերանըբացումերբնրանչենհարցնումևնրանասելուբանէլչկասակայն անասելուբանէլչկասակայնասումեմայստեղմիայն ես»։ Լռե՜լ»։

Քանի որ ֆրաու Ցայդլերը ևս իրեն չնվաստացրեց, ոչ մի բառ չասաց և առաջվա պես քչփորում էր իր կար ու ձևը, գորգերի վրա անուժ արշավող Ոզնու համար խնդիրը կայանում էր նրանում, որ համոզիչ խաղա ու ավարտին հասցնի իր ցասումը։ Նա մի քայլով հասավ պահարանին, այն այնպես բացեց, որ ամեն ինչ զրնգաց, չռած մատներով զգուշորեն այնտեղից ութ գավաթ վերցրեց, ծանրաբեռնված ձեռքերը, գավաթներին վնաս չպատճառելով, ցուցափեղկի միջից գաղտագողի դուրս հանեց։ Փոքրիկ քայլերով մոտեցավ, իսկ և իսկ հյուրընկալ տանտեր, որը որոշել էր իրեն ու իր հյուրերին զվարճացնել․ ճարպկության մարմնավարժանքներով մոտեցավ կանաչ սալիկներով պատված «հոլանդուհի֊վառարանին» և զգուշության մասին մոռանալով, իր ողջ փխրուն բեռը շպրտեց չուգունե փոքրիկ սառը դռնից ներս։

Ամենազարմանալին այն էր, որ այդ տեսարանի ժամանակ, որը դիպուկություն էր պահանջում, Ոզնին ակնոցի տակ թաքնված իր աչքերը չէր կտրում իր կնոջից, որն այդ ընթացքում վեր կացավ և աջ պատուհանի մոտ փորձում էր թելը մտցնել ասեղի անցքի մեջ։ Մեկ վայրկյան անց այն բանից, երբ Ոզնին կոտրում էր գավաթները, նրա դժվարին, ձեռքի ամրության մասին վկայող փորձը պսակվեց հաջողությամբ։ Ֆրաու Ցայդլերը վերադարձավ իր դեռ էլի տաք բազկաթոռը, նստեց այնպես, որ իր հագուստը կրկին քշտվի ու կրկին երեք մատի չափով երևա վարդագույն ներքնազգեստը։ Կնոջ ուղին դեպի պատուհանը, ասեղը թելելը և ետադարձ ուղին Ոզնին դիտում էր նախազգուշական թունոտությամբ, սակայն ակնհայտ հարգանքով։ Հենց կինը նստեց, նա ձեռքը մտցրեց վառարանի ետևը, այնտեղից հանեց թիակն ու ավելը, ավլեց բեկորները, ավլածը լցրեց թերթի վրա, որն արդեն կիսով չափ լցված էր գավաթների բեկորներով, այնպես, որ հերթական ցասման բռնկման հետ կապված հաջորդ կոտրումի համար ուղղակի տեղ չէր մնում։

Եթե ընթերցողը մտածի, որ գավաթներ կոտրող Ոզնու մեջ Օսկարը ճանաչեց իրեն այն ժամանակներից, երբ ինքը ձայնով ապակի էր կտրում, ես չեմ սկսի պնդել, թե իբր ընթերցողն այնքան էլ ճիշտ չէ․ չէ՞ որ ես էլ էի ինչ֊որ ժամանակ սիրում իմ ցասումը բեկորների մեջ արտահայտել, սակայն ոչ ոք ու ոչ մի ժամանակ չի տեսել, որ դրանից հետո ես ձեռքս վերցնեմ թիակն ու ավելը։

Իր ցասման հետքերը վերացնելուց հետո Ցայդլերը վերադարձավ բազկաթոռի մեջ։ Եվ Օսկարը կրկին մեկնեց նրան բլանկը, որը Ոզնին չէր կարող վայր չգցել, երբ երկու ձեռքերը մտցնում էր պահարանի մեջ։ Ի վերջո Ցայդլերը ստորագրեց և ինձ հայտնեց, որ իր բնակարանում անհրաժեշտ է կարգ ու կանոն պահպանել, այլ կերպ ինչի՞ կհասնենք մենք բոլորս, զուր չէ, որ նա տասնհինգ տարի ներկայացուցիչ է, նա ներկայացնում է մազերը կտրելու մեքենայի ձեռնարկությունը։ Իսկ ես ընդհանրապես գիտե՞մ, թե դա ինչ բան է։

Օսկարը գիտեր, թե ինչ է մազերը կտրելու մեքենան, նա նույնիսկ օդում մի քանի պարզաբանող շարժումներ արեց, որոնց հիման վրա Ցայդլերը կարող էր կռահել, որ մեքենաների մասով ես տեղեկացված եմ։ Բավականին լավ կտրված նրա ցցամազերը վկայում էին այն մասին, որ նա լիովին արժանավոր ներկայացուցիչ է։ Ինձ բացատրելով, թե ինչ սկզբունքով է բաշխվում իր աշխատանքային ժամանակը, նա ճոճովում էր բաց շագանակագույն, ճռճռացող կաշվի մեջ՝ ակնոցի ապակիներով ճառագայթելով, և ինչ֊որ իմաստով, կամ էլ առանց որևէ իմաստի, արտասանեց՝ «այո֊այո֊այո», և ես ստիպված էի հեռանալ։

Սկզբում Օսկարը հրաժեշտ տվեց ֆրաու Ցայդլերին։ Պարզվեց, որ նրա ձեռքը սառն էր, ոսկորներից զուրկ, սակայն չոր։ Ոզնին իր բազկաթոռից ձեռքով արեց, ձեռքով արեց դռան ուղղությամբ, որտեղ դրված էր Օսկարի ուղեբեռը, և ես դեռ չէի հասցրել ամենը վերցնել, երբ լսեցի նրա հարցը։

― Այդ ի՞նչ է դրված ձեր ճամպրուկի վրա։

― Սա իմ թիթեղյա թմբուկն է։

― Դուք, ի՞նչ է, պատրաստվում եք այստեղ թմբկահարե՞լ։

― Պարտադիր չէ։ Սակայն նախկինում ես շատ էի թմբկահարում։

― Ինձ որ մնա, այստեղ էլ կարող եք։ Միևնույն է, ես տանը չեմ լինում։

― Հազիվ թե երբևիցե կրկին փայտիկները ձեռքս վերցնեմ։

― Իսկ ինչի՞ց է, որ դուք այդքան փոքր եք, հը՞։

― Անհաջող ընկնելը կանգնեցրեց իմ աճը։

― Տեսեք հա, այստեղ, ինձ մոտ ամեն տեսակի աճապարություններ չկազմակերպեք։ Սուր բռնկումներ և այլն։

― Վերջին տարիների ընթացքում իմ առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է։ Դուք միայն տեսեք, թե ինչպիսի շարժունակություն ունեմ։

Այդ ժամանակ Օսկարը պարոն և տիկին Ցայդլերների դիմաց գրեթե մարմնամարզական բարդության մի քանի ցատկեր ու վարժություններ պատկերեց, որոնք յուրացրել էր այն ժամանակի ընթացքում, որն անց էր կացրել ռազմաճակատային թատրոնում՝ կնոջը դարձնելով քմծիծաղ տվող ֆրաու Ցայդլեր, իսկ ամուսնուն՝ Ոզնի, որը չէր դադարում հարվածել իր ազդրերին, երբ ես արդեն վաղուց դուրս էի եկել միջանցք և անթափանց ապակիով քույրական սենյակի կողքով, խոհանոցային դռան կողքով իրերս տեղափոխում էի իմ սենյակ։

Դա եղավ մայիսի սկզբին։ Եվ այդ օրվանից ինձ գայթակղում, զբաղեցնում, նվաճում էր բուժքրոջ գաղտնիքը․ քույրերը ինձ դարձրեցին հիվանդ, անբուժելի հիվանդ, քանզի նա նույնիսկ այսօր, երբ ամեն ինչ ինձ համար մնացել է անցյալի հեռվում, ես համարձակվում եմ հակադրվել իմ հիվանդապահ Բրունոյին։ Եթե նա առանց քաշվելու պնդում է, թե իբր թե միայն տղամարդիկ են ունակ գնալ հիվանդների ետևից, իսկ խնամառուների այն ցանկությունը, որպեսզի իրենց ետևից անպայմանորեն գնան կանայք, ուղղակի հիվանդության ևս մեկ ախտանիշ է և ոչ ավելին․ այն դեպքում, երբ տղամարդը ջանասիրաբար գնում է խնամառուի ետևից և երբեմն նույնիսկ բուժում է նրան, բուժքույրը ընտրում է կանացի ուղի՝ նա գայթակղում է խնամառուին դեպի առողջացումը կամ մահը՝ այն դարձնելով թեթևակիորեն հեշտասիրական ու ցանկալի։

Ահա, թե ինչ է ասում Բրունոն, և ես, չնայած տհաճությամբ, համաձայնվում եմ նրա հետ։ Նա, ով իմ նման, յուրաքանչյուր երկու տարին մեկ քույրից ստանում է իր կյանքի հաստատումը, նա պահպանում է երախտագիտությունը և թույլ չի տալիս, որ փնթփնթան, թեկուզ հաճելի հիվանդապահը միանգամից, առանց քաշվելու, զուտ մասնագիտական նախանձից նրա աչքերում սևացնի քույրական դասը։

Ամեն ինչ սկսվեց ի պատիվ իմ ծննդյան տարեդարձի նկուղի աստիճանների վրայից իմ վայր ընկնելուց։ Ես հիշում եմ, նրա անունը քույր Լոտա էր, և ծնունդով նա Պրաուստից էր։ Քույր Ինգային, բժիշկ Հոլլացին ես կարող էի շատ տարիներ պահել իմ մտքում։ Լեհական փոստատան պաշտպանությունից հետո ես միանգամից մի քանի քույրերի բաժին հասա։ Սակայն միայն մի անուն մտապահեցի․ նրան կամ քույր Էռնի էին անվանում, կամ քույր Բեռնի։ Անանուն քույրեր Լյունեբուրգում, Հաննովերի համալսարանական հիվանդանոցում։ Հետո քույրեր Դյուսելդորֆի հիվանդանոցային ավանում, և բոլորից առաջ քույր Գերթրուդը։ Եվ ի վերջո հայտնվեց նա, հանուն որի ես նույնիսկ ստիպված չէի հիվանդանոց պառկել։ Գերազանց առողջական վիճակում Օսկարը հոգով տրվեց քույրին, որը նրա պես Ցայդլերի բնակարանում սենյակ վարձակալած բնակիչներից էր։ Այդ օրվանից աշխարհը ինձ համար լցվեց բուժքույրերով։ Երբ վաղ առավոտյան գնում էի քորնեֆյան քարերի վրա գրություններ փորագրելու աշխատանքին, ինձ հարկավոր էր լինում Մարիայի հոսպիտալի մոտի կանգառից նստել տրամվայ։ Ծաղիկներով ողողված հյուրանոցային հրապարակի աղյուսե մուտքի դիմաց մշտապես չափից դուրս շատ բուժքույրեր կային, որոնք ավարտել էին աշխատանքային ծանր հերթափոխը կամ անցնում էին դրա կատարմանը։ Հետո մոտենում էր տրամվայը։ Երբեմն ես նույնիսկ իմ կամքին հակառակ նստում էի հոգնատանջ եղած կամ առնվազն ներսույզ հայացքով իրենց դիմաց նայող քույրիկներից ոմանց հետ նույն կցավագոնում, կանգնում էի միևնույն հարթակում։ Սկզբնական շրջանում ինձ համար տհաճ էր նրանց հոտը, շուտով ես սկսեցի այն որսալ՝ կանգնելով նրանց կողքին և կամ էլ նրանց խալաթների միջև։

Դե հետո՝ Աղոթատան արահետը։ Լավ եղանակին ես տառերը փորագրում էի փողոցում, ցուցադրվող գերեզմանաքարերի կողքին և նայում էի, թե ինչպես են նրանք գնում ընդմիջման՝ երկու հոգով, չորս հոգով, թևանցուկ արած, նրանք շատախոսում էին, Օսկարին ստիպում աչքերը դիաբազից բարձրացնել ու արհամարել աշխատանքը, քանզի ամեն անգամ աչքերս բարձրաձնելն ինձ վրա քսան պֆենիգ էր նստում։

Կինոֆիշներ․ Գերմանիայում միշտ էլ բավարար էին բուժքույրների մասնակցությամբ ֆիլմերը։ Մարիա Շելլը գրավում էր ինձ կինոյում։ Նրա հագին քույրական համազգեստ էր, նա ծիծաղում էր, լաց էր լինում, ինքնազոհաբար խնամում էր հիվանդներին։ Լուրջ երաժշտությունը նվագում էր ժպտալով և քույրական գլխաշորը չհանելով, հասնում էր հուսահատության, կարելի է ասել՝ պատռում էր իր վրայի գիշերային վերնաշապիկը, ինքնասպանության փորձից հետո զոհաբերում էր իր սերը։ Բժշկի դերում խաղում էր Բորշեն՝ պահպանում էր մասնագիտության հանդեպ հավատարմությունը՝ այլ խոսքերով, առաջվա պես կրում էր գլխաշորն ու կարմիր խաչով բրոշը։ Մինչ Օսկարի փոքր ուղեղն ու ուղեղը ծիծաղում էին ու անդադար ֆիլմի տեքստի մեջ ամեն կարգի լկտիություններ էին ներհյուսում, Օսկարի աչքերը խոնավացնում էին արտասուքները․ գրեթե կուրանալով՝ ես դես ու դեն էի նետվում անապատով, որը կազմված էր սպիտակ հագուստներով անանուն սամարուհիներից, փնտրելով գտնում էի քույր Դորոթեային, որի մասին գիտեի միայն, որ նա Ցայդլերի մոտ անթափանց ապակուց դռնով սենյակ է վարձակալում։

Երբեմն ես լսում էի նրա քայլերը, երբ նա վերադառնում էր գիշերային հերթափոխից։ Լսում էի նաև երեկոյան ժամը տասին մոտ, երբ նրա մոտ ավարտվում էր ցերեկային հերթափոխը, և նա այցի էր գալիս իր սենյակ։ Միջանցքում, քրոջ քայլերը լսելով, միշտ չէ, որ Օսկարը կարողանում էր իր աթոռի վրա նստած մնալ։ Եվ ով դուրս չէր նայի, երբ ինչ֊որ մեկը անցնում է կողքով, հնարավոր է, հատկապես նրա համար է կողքով անցնում։ Ո՞վ աթոռի վրա նստած կմնա, երբ հարևանությամբ յուրաքանչյուր ձայն թվում է, թե հետապնդում է մի նպատակ, ստիպել տեղներից վեր թռչել նրանց, ովքեր հանգիստ նստած են։ Իսկ լռության հետ կապված իրավիճակը դրանից ավելի վատ է։ Մենք դրա մասին արդեն գիտենք գալիոնյան ֆիգուրի հետ կապված պատմությունից, որը, ինչպես հայտնի է, փայտյա էր, հանգիստ և պասիվ։ Այնինչ, թանգարանի առաջին վերակացուն լողում էր սեփական արյան մեջ։ Եվ այսպես էր ասվում․ նրան սպանել է Նիոբեան։ Տնօրենը սկսեց ուրիշ վերակացու փնտրել, որովհետև հո թանգարանը չէ՞ր փակի։ Երբ մահացավ նաև երկրորդ վերակացուն, բոլորը գոռացին․ Նիոբեան է սպանել։ Թանգարանի տնօրենի համար շատ դժվար էր երրորդ վերակացուին գտնելը, իսկ գուցե նա ոչ թե երրորդին, այլ տասնմեկերորդին էր արդեն փնտրում։ Սակայն միևնույն չէ՞, արդյոք, թե որերոդին էր նա փնտրում։ Համենայն դեպս, մի անգամ և այդ դժվարությամբ գտնված վերակացուին ևս մեռած գտան։ Բոլորը գոռում էին․ Նիոբեան, կանաչ Նիոբեան, իր սաթե տեսողական օրգանները չռած Նիոբեան, փայտե Նիոբեան, մերկ Նիոբեան, չի ցնցվում, չի մրսում, չի քրտնում, չի շնչում, նրա մեջ փայտաթրթուրն ինչ է՝ դա էլ չկա, որովհետև նրա մեջ հատուկ այդ նպատակով սրսկել են, որովհետև նա արժեք է, որովհետև նա պատմական նշանակություն ունի։ Նրա պատճառով այրեցին վհուկին, նրա պատճառով կտրեցին այն մարդու տաղանդավոր ձեռքերը, ով փորագրել էր նրան, նավերը դեպի հատակ գնացին, նա լողալով փրկվեց։ Նա փայտից էր, սակայն չէր այրվում, նա սպանում էր, սակայն պահպանում էր իր կարևորությունը։ Նա իր լռությամբ ստիպեց հավերժ լռել գիմնազիայի շրջանավարտներին, ուսանողներին, ծեր կրոնավորին և վերակացուների մի ողջ խմբի։ Իմ ընկեր Հերբերտ Տրուչինսկին մագլցեց նրա վրա, քամեց, սակայն Նիոբեան մնաց չոր, և լռությունը նրա մեջ ավելի հաստատվեց։

Երբ քույրը առավոտյան, մոտավորապես ժամը վեցին լքում էր իր սենյակը՝ միջանցքը և ընդհանրապես Ոզնու ողջ բնակարանը, դառնում էր շատ լուռ, չնայած որ նա այստեղ լինելով, ևս՝ նվազագույն աղմուկ անգամ չէր առաջացնում։ Այդ լռությանը դիմանալու համար Օսկարը երբեք ստիպվված չէր լինում ճռճռացնել մահճակալը, շարժել աթոռը կամ լոգարանի մեջ խնձոր գլորել։ Ժամը ութին խշխշոց էր լսվում։ Դա փոստատարն էր խշխշացնում, որը փոստարկղի ճեղքի մեջ նամակներ ու բացիկներ էր մտցնում, որոնք այնուհետև ընկնում էին հատակին։ Օսկարից բացի նույն աղմուկին սպասում էր նաև ֆրաու Ցայդլերը։ Մանեսմանի մոտ քարտուղարուհու պաշտոնում աշխատանքը նա սկսում էր ժամը իննից, առաջնությունը զիջում էր ինձ և, այսպիսով, հենց Օսկարն էր առաջինը արձագանքում խշխշոցին։ Ես դա հնարավորին չափ անաղմուկ էի անում՝ չնայած և գիտեի, որ նա ինձ, միևնույն է, լսում է, ես իմ ետևից չէի փակում իմ սենյակի դուռը, որպեսզի ստիպված լինեի լույսը միացնել, միանգամից հավաքում էի ողջ փոստը, այդպիսինի առկայության դեպքում գիշերային ներքնաշորիս գրպանն էի մտցնում նամակը, որը շաբաթը մեկ անգամ կանոնավոր գրում էր ինձ Մարիան և որում մանրամասնորեն նկարագրում էր իր և երեխայի, և իր քույր Հուստայի կյանքը, ինչից հետո աչքի էի անցկացնում մնացած նամակագրությունը։ Այդ բոլորը, ինչ գալիս էր Ցայդլերների կամ ոմն Մյունցերի անվամբ, որը բնակվում էր միջանցքի մյուս ծայրում, ես, որ ուղիղ չէի կանգնած, այլ նստած էի ծնկներիս վրա, կրկին գցում էի հատակին, բայց ահա բուժքրոջ անունով նամակները Օսկարը խաղացնում էր, հոտոտում, շոշափում և, գլխավորը, ծրարներին հարց ու փորձ էր անում, թե ով է ուղարկողը։

Քույր Դորոթեան հազվադեպ էր նամակներ ստանում, չնայած ավելի հաճախ, քան ես։ Նրա ամբողջական անունը Դորոթեա Կենգեթեր էր, սակայն անձամբ ես նրան միայն «քույր Դորոթեա» էի անվանում, իսկ ազգանունը ժամանակ առ ժամանակ մոռանում էի, ինչը բուժքրոջ համար ի վերջո, այնքան էլ կարևոր չէ։ Նա նամակներ էր ստանում հիլդեսհայմցի իր քրոջից, նամակներ ու բացիկներ էին գալիս նաև Արևմտյան Գերմանիայի տարբեր հիվանդանոցներից։ Նրան գրում էին քույրերը, որոնց հետ ավարտել էր քույրական դասընթացները։ Այժմ նա բացիկների օգնությամբ մի կերպ պահպանում էր կապը իր գործընկերների հետ, նրանցից ստանում պատասխաններ, որոնք, ինչպես բացահայտեց Օսկարը թռուցիկ ընթերցման արդյունքում, անբովանդակ էին ու դատարկ։

Բայցևայնպես, ես այդ բացիկներից, որոնք մեծ մասամբ իրենց վրա ցուցադրում էին հիվանդանոցային մամռապատ ճակատային մասերը, ես որոշ բաներ իմացա քույր Դորոթեայի նախկին կյանքի մասին․ նա՝ Դորոթեան, որոշ ժամանակ աշխատել էր Քյոլնի Մինցենտի հոսպիտալում, Սախենին մերձակա մասնավոր հիվանդանոցում և նաև Հիլդեսհայմում։ Ի միջի այլոց, Հիլդեսհայնմից էր գրում նաև նրա մայրը։ Հետևաբար, նա էլ ծնունդով կամ Ներքին Սաքսոնիայից էր, կամ էլ, Օսկարի նման, արևելքցի փախստական, որը պատերազմի ավարտից քիչ հետո այնտեղ ապաստան գտավ։ Այնուհետև ես իմացա, որ քույր Դորոթեան աշխատում է այստեղից ամենևին էլ ոչ հեռու գտնվող Մարիինյան հոսպիտալում և պետք է ենթադրել, որ ընկերություն է անում Բեաթեի հետ, քանզի բազմաթիվ բացիկներ հաստատում էին այդ ընկերության առկայությունը, քանզի պարունակում էին Բեաթեին հասցեագրված ողջույններ։

Նա՝ այդ ընկերուհին, որոշ չափով անհանգստացնում էր ինձ։ Օսկարը մտորում էր նրա մասին, ես այդ Բեաթեին ուղղված նամակներ էի հորինում, նամակներից մեկում պաշտպանություն խնդրեցի, մյուսում ընդհանրապես չէի հասկանում Դորոթեային, ցանկանում էի սկզբում քծնանքով դիմել Բեաթեին, և հետո միայն հասնել նրա ընկերուհուն։ Ես սևագրեցի ոչ այն է հինգ, ոչ այն է վեց նամակ, որոնք նույնիսկ դրեցի ծրարների մեջ, սակայն այդպես էլ ոչ մեկը չուղարկեցի։

Հնարավոր է, որ իմ խելագարության պայմաններում ես մի գեղեցիկ օր, այնուամենայնիվ, թերևս նման գրություն ուղարկեի քույր Բեաթեին, եթե երկուշաբթի օրերից մի օր, Մարիայի մոտ նոր֊նոր կապեր էր նշմարվում Շտենցել ազգանունով նրա գործատուի հետ, ինչը տարօրինակ ձևով ինձ թողեց անտարբեր, չգտնեի այն նամակը, որն իմ կիրքը վեր ածեր սիրո մեծ խառնուրդով համատարած խանդի։ Ծրարի վրա տպագրված ուղարկողի հասցեն ինձ տեղեկացրեց, որ նամակը Դորոթեային էր ուղարկել ոմն «Դոկտոր Էրիխ Վերներ, Մարիինյան հոսպիտալ»։ Երեքշաբթի օրը եկավ երկրորդ նամակը։ Հինգշաբթին նրան պարգև տվեց երրորդով։ Ինչպե՞ս ամեն ինչ դասավորվեց այդ հինգշաբթի։ Օսկարը վերադարձավ իր սենյակ, փլվեց խոհանոցային աթոռներից մեկի վրա, որոնք նրան տվել էին որպես կահավորանք, գրպանից հանեց Մարիայի ամենշաբաթյա գրությունը՝ չնայած նոր սիրահետողին՝ Մարիան շարունակում էր միևնույն կանոնավորությամբ ինձ գրել, խնամքով, ոչինչ բաց չթողնելով։ Բացեցի ծրարը և սկսեցի, ոչ, չսկսեցի ընթերցել, նախասրահից լսեցի ֆրաու Ցայդլերին, դրանից անմիջապես հետո՝ նրա ձայնը, նա կանչում էր պարոն Մյունցերտին, սակայն վերջինս չէր պատասխանում՝ չնայած ակնհայտորեն տանն էր, քանզի Ցայնդլերուհին բացեց դուռը, անդադար ինչ֊որ բան բացատրելով, նրան մեկնեց փոստը։

Ֆրաու Ցայդլերը դեռ ավարտին չէր հասցրել իր ելույթը, իսկ ես արդեն դադարել էի ընկալել նրա ձայնը։ Ես տրվեցի պաստառների խելագարությանը, կլորացված, բազմապատիկ բազմապատկված խելագարությանը, ինձ գիտակցեցի որպես Մացերատ։ Նրա հետ մեկտեղ ճաշակեցի բոլոր խաբվածների հացը, ինչից հետո կարողացա առանց դժվարության իմ Յան Բրոնսկուն վերափոխել ցածորակ բարգավաճող սատանայորեն ներկված գայթակղիչի, որը ներկայանում էր մեկ թավշե օձիքով անփոփոխ վերարկուով, մեկ բժիշկ Հոլլացի սպիտակ խալաթով և անմիջապես էլ՝ որպես վիրաբույժ Վերներ, որպեսզի այլասերի, կործանի, պղծի, նեղացնի, հարվածի, տանջի, որպեսզի անի այն, ինչը հարկ է անել գայթակղիչին, որպեսզի դուրս չգա կերպարից։

Այսօր չեմ կարող ծիծաղս զսպել, երբ հիշողությանս մեջ արթնացնում եմ այն միտքը, որն Օսկարին ստիպեց դեղնել ու խանգարվել պաստառների վրա․ ես ցանկացա բժշկություն սովորել և, ընդ որում, անհապաղ։ Ես ցանկացա բժիշկ դառնալ, ընդ որում հատկապես Մարիինյան հոսպիտալում։ Ես ուզում էի այնտեղից վռնդել բժիշկ Վերներին, մերկացնել նրան, մեղադրել տգիտության մեջ, նույնիսկ նրա անփութության պատճառով՝ կոկորդի մի վիրահատության մահվան ելքի մեջ։ Որպեսզի պարզվեր, որ այդ պարոն Վերները երբեք բժշկություն չի սովորել։ Ուղղակի պատերազմի ժամանակ նա աշխատել է դաշտային հոսպիտալում և այնտեղ ինչ֊որ չափի գիտելիքներ է ձեռք բերել՝ կորչեն խաբեբաները։ Իսկ Օսկարը դառնում է գլխավոր բժիշկ՝ այդքան երիտասարդ է և այդպիսի պատասխանատու պաշտոն է զբաղեցնում։ Եվ ահա նոր Զաուերբրուխը քայլում է թնդացող միջանցքներով և, որպես վիրահատական քույր, նրան ուղեկցում էր քույր Դորոթեան, և նա շուրջայց էր կատարում, և նա վերջին րոպեին, այնուամենայնիվ, որոշեց վիրահատություն կատարել։

Ախ, ինչ լավ է, որ այդ ֆիլմը այդպես էլ երբեք չնկարահանվեց։


Հագուստի պահարանի մեջ

Պետք չէ սակայն մտածել, թե իբր Օսկարին միայն քույրերն էին հետաքրքրում։ Ես ունեի նաև իմ մասնագիտական կյանքը։ Գեղարվեստների ակադեմիայում սկսվում էր ամառային եռամսյակը, ես ստիպված էի թողնել գրանիտագործի պատահական աշխատանքը, որը կատարում էի արձակուրդների ժամանակ, քանզի Օսկարը պարտավոր էր լավ վարձատրության դիմաց անշարժ կանգնել, ոճական հին ուղղությունները պետք է նրան ապացուցեին իրենց կենսունակությունը։ Նոր ոճերը իմ և Ուլլա անունով մուսայի վրա փորձարկում էին իրենց․ մեր առարկայությունը ոչնչացնում էին, նրա առջև անձնատուր էին լինում, մեզ մերժում էին, գծեր էին անցկացնում, քառակուսիներ, պարույրներ, բոլոր ամբողջությամբ ձանձրացած նրբաճաշակությունները, որոնք, սակայն, լիովին իրենց արդարացնում էին պաստառների վրա, ինչպես նաև էկրանների ու գծագրական թերթերի վրա։ Հանդերձում էին կենցաղային նախշերը, որոնց թերևս միայն Օսկարն ու Ուլլան էին պակասում, այլ խոսքերով, խորհրդավոր լարվածությամբ, հրավերներով, առևտրագովազդային անվանումներով, ինչպես, օրինակ, «Ուղղահայաց հանգույց», «Երգ ժամանակի վրա», «Կարմիր գույնը նոր ծավալներով»։

Դրանով հիմնականում զբաղվում էին սկսնակները, որոնք դեռ կարգին նկարել էլ չգիտեին։ Իմ հին ընկերները, որոնք խմբվել էին պրոֆեսոր Քուխենի և Մարունի շուրջը, Ցիգեի ու Ռասկոլնիկովի նման լավագույն աշակերտները չափից դուրս հարուստ էին սևությամբ ու գույնով, որպեսզի անգույն ոլորագծերով և հյուծված գծերով երկինք հասցնեին ողորմելիության փառքը։

Իսկ ահա Ուլլա մուսան, որը դառնալով երկրային արարած, կիրառական գեղանկարչության մեջ անսովոր ունակություններ էր դրսևորում, այն աստիճանի էր ոգևորվում նոր պաստառներով, որ շուտով մոռացավ իրեն լքած նկարիչ Լանքեսին և արդեն ոչ երիտասարդ Մատեյ ազգանունով նկարչի տարբեր չափսերի բեմազարդերը հայտարարեց գեղեցկատես, ուրախ, զվարճալի, աներևակայելի, չլսված և նույնիսկ պերճաշուք։ Այն հանգամանքը, որ նա շուտով նաև նշանվեց նկարչի հետ, որը նախապատվություն էր տալիս չափից դուրս քաղցրացված Զատկի ձվերի տիպի կառուցվածներին, նշանակություն չունի․ նա հետագայում էլ բազմակի անգամ նշանվել է, ինչպես և ներկա պահին, ինչի մասին հենց ինքն էլ տեղեկացրեց։ Երեկ չէ առաջին օրը իմ և Բրունոյի համար կոնֆետներով այցի գալով, նա ասաց, որ ուր որ է կմտնի լուրջ հարաբերությունների մեջ։

Կիսամյակի սկզբին Ուլլան ընդհանրապես որպես մուսա ցանկացավ իր կերպարը նվիրել միայն նոր և, ինչը նա բացարձակապես չէր նկատում, արվեստի մեջ փակուղային ուղղությանը։ Նրա նախշած Զատկի ձվերի մասնագետը՝ Մայտելը, այդ բուսոջիլը մտցրեց նրա գլուխը, մատուցեց որպես ինչ֊որ մի փեսայական բառարանային պահուստ, որը նա փորձարկում էր ինձ հետ արվեստի մասին զրուցելիս։ Այժմ նա մեկնաբանություններ էր անում կրկնանախշերի, կառուցվածքների, շեշտադրությունների, հեռանկարի, հոսակեղտերի, լաքապատման և նյութակազմվածքի բացառիկության մասին։ Նա, ով ողջ օրը զբաղված էր միայն բանաններ ուտելով և դրանց վրայից տոմատի հյութ խմելով, այժմ դատողություններ էր անում հիմնական խաչաձև դարավածքների մասին, ներկի միջուկների մասին, որոնք սեփական ուժային դաշտի հարաճկուն շարժունակության մեջ ոչ միայն գտնում էին իրենց տեղը, այլ նաև․․․ Մոտավորապես այսպես էր Ուլլան ինձ հետ զրուցում ընդմիջումների ժամանակ կամ երբ մենք դեպքից դեպք Ռատինգերշտրասե փողոցում սուրճ էինք խմում։ Եվ նույնիսկ երբ Զատկի ձվերի հարաճկուն ձևավորողի հետ նշանդրեքը լուծվեց, երբ ինչ֊որ մի միասեռամոլ կնոջ հետ կարճատև միջադեպից հետո Ուլլան զբաղվեց Քուխենի աշակերտներից մեկով ու դրանով իսկ վերադարձավ առարկայական աշխարհ, նրա մոտ պահպանվեց նախկին բառապաշարը, որից նրա փոքրիկ դեմքը այնքան լարված արտահայտություն էր ձեռք բերում, որ դեմքի երկու կողմերում երկու մոլեռանդ ծալքեր էին դարսվում։

Այստեղ պետք է խոստովանել, որ Ուլլային որպես բուժքրոջ նկարելու գաղափարը ոչ միայն Ռասկոլնիկովին էր պատկանում։ «Մադոննա 49»֊ից հետո նա մեզ պատկերեց «Եվրոպայի առևանգման» մեջ՝ ես ցուլն էի։ Իսկ բավականին վիճելի «Առևանգումից» հետո ատեղծվեց «Խեղկատակը բժշկում է բուժքրոջը» կտավը։

Իմ կողմից ասված մի բառը բոցավառեց Ռասկոլնիկովի երևակայությունը։ Նա մռայլ, շիկամազ, ինքնամփոփ՝ ինչ֊որ բան էր խորհրդածում, նա, աչքը Ուլլայից չկտրելով, թեթևակի լվաց իր վրձնիկը, մտածում էր ոճրի ու պատժի մասին, ինչից հետո ես խորհուրդ տվեցի նրան իմ մեջ տեսնել ոճիրը, իսկ Ուլլայի մեջ՝ պատիժը, ընդ որում իմ ոճիրը առանց այն էլ անզեն աչքով է տեսանելի, իսկ ահա պատիժը կարելի է զգեստավորել բուժքրոջ հագուստներով։

Եվ եթե արդյունքում այդ հրաշալի կտավը ստացավ այլ, մոլորության մեջ գցող անվանում, մեղքը ամբողջապես ընկնում է Ռասկոլնիկովի վրա։ Անձամբ ես կանվանեի «Գայթակղություն», որովհետև իմ նկարված աջ ձեռքը բռնված է դռան բռնակից, պտտում է, բացում է դուռը, որի մեջտեղում կանգնած է քույրը։ Ռասկոլնիկովը նաև կարող էր ուղղակի «Դռան բռնակ» անվանել, ես կառաջարկեի «Դռան բռնակը»․ զուր չէ որ այդ ճարպիկ հարմարանքը դեպի գայթակղություն էր դրդում, զուր չէի ես անփոփոխ գայթակղվում քույր Դորոթեայի սենյակի ապակեպատ դռան բռնակով, երբ իմանում էի, որ Ոզնի֊Ցայդլերը ժամանակավորապես բացակայում է, քույրը հիվանդանոցում է, իսկ ֆրաու Ցայդլերը՝ Մանեսմանի գրասենյակում։

Այդ ժամանակ Օսկարը լքում էր իր անջրթող լոգարանով սենյակը, դուրս էր գալիս ցայդլերական բնակարանի միջանցք, քարանում էր քրոջ սենյակի դիմաց և, ինչպեսև կարգն է, սեղմում էր բռնակը։

Մոտավորապես մինչև հունիսի կեսը, իսկ փորձեր ամեն օր էի անում, դուռը չէր ընկրկում։ Ես պատրաստ էի քրոջ մեջ տեսնել նույնիսկ մի մարդու, որը սեփական աշխատանքով շատ է ընտելացել կարգ ու կանոնին, ավելի լավ համարեցի թողնել դուռը սխալմամբ չփակված տեսնելու հույսը։ Այստեղից էլ այն հիմար, զուտ մեխանիկական հակազդեցությունը, որը ստիպեց ինձ շտապ ծածկել դուռը, երբ մի անգամ, այնուամենայնիվ, պարզեցի, որ այն փակված չէ։

Իհարկե, Օսկարը մեծագույն լարվածության մեջ մի քանի րոպե կանգնեց միջանցքում և իր տարաբնույթ մտքերին այնպիսի ազատություն տվեց, որ նրա սրտի համար ամենևին էլ հեշտ չէր մտքերի այդ ճնշման մեջ գոնե մի որևիցե ծրագիր մտցնելը։

Միայն երբ ինձ հաջողվեց, թե անձամբ ինձ, թե իմ մտքերը ուղղել կյանքի այլ հանգամանքներին․ Մարիան և իր երկրպագուն, մտածում էի ես, Մարիան իր համար երկրպագու է ձեռք բերել, երկրպագուն Մարիային սրճեփ է նվիրել, երկրպագուն շաբաթ օրը Մարիայի հետ կգնա «Ապոլլո», Մարիան երկրպագուին միայն աշխատանքից հետո է «դու» ասում, իսկ խանությում «դուք» է ասում, որովհետև նա խանութի տնոօրենն է։ Միայն երբ ես բոլոր կողմերից պատկերացրեցի Մարիային ու նրա երկրպագուին, ինձ հաջողվեց որոշակիորեն կարգ ու կանոնի նման մի բան հաստատել գլխիս մեջ, և ես բացեցի անթափանցիկ ապակեպատ դուռը։

Ես արդեն առաջ էի այդ կացարանը պատկերացնում որպես առանց պատուհանների մի շինություն, որովհետև դեռ ոչ մի անգամ դռան վերին, խավար, թափանցիկ մասը ցերեկային լույսի թեկուզ մի գիծ բաց չէր թողել։ Ճիշտ ինչպես իմ սենյակում՝ ես, դեպի աջ մեկնելով, շոշափելով գտա անջատիչը։ Այդ կացարանի համար, որը չափից դուրս նեղ էր, որպեսզի այն հնարավոր լիներ անվանել սենյակ, քառասուն մոմանոց լամպը բավարար է և մի բան էլ ավելին։ Ինձ համար տհաճ էր մարմնիս կիսով չափ անմիջապես հայելու առջև հայտնվելը, սակայն Օսկարը չցանկացավ խուսափել իր հայելային և այդ իսկ պատճառով հազիվ թե իր համար օգտակար անդրադարձի հետ հանդիպումից, քանզի փայլատ սեղանիկի (որն իր լայնությամբ համընկնում էր հայելու հետ, որի դիմաց նա կանգնած էր), վրայի առարկաները ինձ շատ հետաքրքրեցին և Օսկարին ստիպեցին բարձրանալ ոտքի մատների վրա։ Լվացվելու թասի սպիտակ արծնապակին ցուցադրում է կապտասև ջարդվածքի տեղերը։ Զուգարանի սեղանի այն մարմարյա սեղանածածկը, որի մեջ մինչև պռունկները մտած թասը, նույնպես ապրել էր իր առաջին երիտասարդությունը։ Սեղանածածկի ձախ, պոկված կտորը դրված էր հայելու դիմաց՝ նրա առջև բացելով իր բոլոր երակները։ Կոտրված եզրերի վրայի սոսնձի հետքեը խոսում էին վերանորոգման անհաջող փորձի մասին։ Ուղղակի քոր եկան քարհատի իմ ձեռքերը։ Ես վերհիշեցի Քորնեֆի կողմից գտած մարմարի համար շաղախը, որը կարողանում էր նույնիսկ ամենափխրուն ծանր մարմարը վեր ածել այն ճակատային մասի հավերժական սալաքարերին, որոնցով ընդունված է երեսպատել երշիկի մեծ խանութները։

Այժմ, երբ կրաքարի հետ հոգեհարազատ շփումը ինձ ստիպեց մոռանալ հայելու մեջ չարամտորեն աղավաղված իմ անդրադարձը, ինձ հաջողվեց նաև որոշել այն հոտը, որը սենյակում առաջին իսկ րոպեից Օսկարին տարօրինակ թվաց։

Այստեղից քացախի հոտ էր գալիս։ Ավելի ուշ, և նույնիսկ ոչ ավելի քան մի քանի շաբաթ առաջ, ես սուր հոտը արդարացնում էի այն ենթադրությամբ, որ քույրը, հավանաբար, նախորդ օրը լվացել էր գլուխը, իսկ քացախը ավելացրել էր ջրին՝ մազերը մաքրաջրելիս։ Ճիշտ է, զարդասեղանիկի վրա ես քացախով լցված ոչ մի շիշ չհայտնաբերեցի և սկսեցի ինքս ինձ ապացուցել, որ քույր Դորոթեան ցայդլերյան խոհանոցում ջուր չի տաքացնի՝ նախապես Ցայդլերից թույլտվություն խնդրելով, որպեսզի հետո մեծագույն բարդություններով իր սենյակում լվանա գլուխը, երբ հոսպիտալում նրա տրամադրության տակ ժամանակակից լոգասենյակ կա։ Չնայած չի բացառվում, որ ավագ քույրը կամ հոսպիտալի տնտեսական վարչությունը քույրերին արգելում են սանիտարական տեխնիկան օգտագործել սեփական կարիքների համար և այդ իսկ պատճառով քույր Դորոթեան ստիպված է գլուխը լվանալ այստեղ, արծնապակե թասի մեջ, պղտոր հայելու դիմաց։ Չնայած, որ զարդասեղանիկի վրա քացախով շիշ չկա, սառը մարմարի վրա այնուամենայնիվ բավականաչափ սրվակներ ու շշեր կան։ Բամբակի փաթեթը և կիսով չափ օգտագործված հիգիենիկ միջադիրների փաթեթը այն ժամանակ Օսկարին զրկեցին ոգու արիությունից, որն անհրաժեշտ էր, որպեսզի ծանոթանար սրվակների պարունակության հետ։ Այնուամենայնիվ, ես մինչ օրս էլ կարծում եմ, որ այդ սրվակները լցված էին միայն կոսմետիկական միջոցներով, ամեն կարգի քսուկներով ու կրեմներով։

Քույրը սանրը խրել էր խոզանակի մեջ։ Ես ստիպված էի ինձ վրա ջանք գործադրել, որպեսզի այն դուրս քաշեի ցցամազերի միջից և տեսնեի ողջ ծավալով։ Ինչքան լավ է, որ ես դա արեցի, քանզի հենց նույն րոպեին Օսկարը կատարեց իր հայտնագործություններից կարևորագույնը․ Քույր Դորոթեան բաց գույնի մազեր ուներ, հնարավոր է մոխրագույն, չնայած մեռած, սանրած մազերի հիման վրա պետք է զգուշությամբ հետևություն անել, այդ իսկ պատճառով միայն մեկ բան կարելի է պնդել, քույր Սորոթեան շիկահեր մազեր ունի։

Հետո սանրի ատամների արանքների կասկածելիորեն հարուստ որսը խոսում է այն մասին, որ նրա մազերը շատ արագ են թափվում։ Այդ տհաճ՝ կանանց դաժանացնող, հիվանդության պատճառները ես տեսա քույրական գլխաշորի մեջ, սակայն չմեղադրեցի նրան, որովհետև պատշաճ հիվանդանոցում առանց դրա ոչ մի կերպ հնարավոր չէր ապրել։

Որքան էլ քացախի հոտը ճնշում էր Օսկարին՝ ինքնըստինքյան այն հանգամանքը, որ քույր Դորոթեան կորցնում է մազերը, իմ մեջ այլ զգացմունքներ չարթնացրեց, քան գործող սիրո ազնվացնող կարեկցանքը։ Ինձ և իմ վիճակի համար բնորոշ է այն, որ ես անմիջապես մտաբերեցի մազերի աճի համար այն բավականին արդյունավետ համարվող միջոցները, որոնք ես արդեն պատրաստ էի հարմար առիթի դեպքում հանձնել քրոջը։ Մտքերով հեռանալով դեպի այդ հանդիպումը՝ Օսկարն այն իրեն պատկերացնում էր անհողմ ամառային երկնքի ներքո, ծածանվող շեկ դաշտերի մեջ, ես սանրի վրայից հանեցի մազերը, դրանք փնջիկով փաթաթեցի, հենց մազերով էլ կապեցի։ Փնջիկի վրայից փչեցի թեփի ու փոշու մի մասը և խնամքով դրեցի իմ դրամապանակի շտապողաբար ազատված մասի մեջ։

Սանրը, որը Օսկարը դրամապանակը առավել հարմար բռնելու նպատակով դրեց մարմարե սեղանածածկի վրա, ես կրկին վերցրեցի, երբ իմ դրամապանակը և իմ ավարն արդեն գտնվում էին բաճկոնիս մեջ։ Ես այն պահեցի ոչնչով չպատված լամպի լույսի դիմաց, որպեսզի այն դառնա թափանցիկ, ուսումնասիրեցի անհամաչափ ատամներով երկու շարքերը, նշեցի, որ առավել բարակներից երկուսը կոտրված են, չկարողացա ինձ մերժել ձախ ցուցամատիս եղունգով առավել հաստերի վերին հատվածներին ճտտտացնելու հաճույքը, և այդ ամբողջ ժամանակ Օսկարին սփոփում էր մի քանի մազերի շողշողոցով, որոնք ես կասկածներ չհարուցելու նպատակով դիտավորյալ թողել էի սանրի վրա։

Դրանից հետո սանրը վերջնականապես ընկղմվեց խոզանակի մեջ։ Ես կարողացա շեղվել զարդասեղանիկից, որը չափից դուրս միակողմանի տեղեկություններ էր ինձ հաղորդում։ Դեպի քույրի անկողինը տանող ճանապարհին ես դիպա խոհանոցային աթոռին, որի վրա կրծկալ էր կախված։

Դրական պարունակությունից զուրկ եզրերում լվանալուց մաշված և խունացած արդուզարդի երկու կաղապարների մասերը Օսկարը ոչնչով չէր կարող լցնել, քան սեփական բռունցքներով։ Սակայն նրանք չլցրեցին, ոչ, նրանք շարժվում էին օտարների պես, դժբախտ, երկու չափից դուրս ամուր, չափազանց նյարդային թասիկների մեջ, որոնք ես մեծագույն հաճույքով ամեն օր գդալով կդատարկեի։ Նույնիսկ չիմանալով, թե նրանց մեջ ինչպիսի կերակուր է պարունակվում, հնարավոր համարելով նույնիսկ փսխումը, քանզի ցանկացած շիլա ինչ֊որ ժամանակ կարող է փսխոց առաջացնել։ Իսկ հետո կրկին քաղցր կթվա, չափից դուրս քաղցր, այն աստիճան քաղցր, որ փսխման մղումը դրա մեջ համ է գտնում, և իրական սերը փորձության է ենթարկվում։

Ես վերհիշեցի բժիշկ Վերներին և բռունցքներս կրծկալի միջից հանեցի։ Բժիշկ Վերները անմիջապես մոռացվեց, ես կարող էի մոտենալ քույր Դորոթեայի մահճակալին։ Օ՜, բուժքրոջ այդ մահճակալը։ Որքան հաճախ էր Օսկարը մտովի այն իրեն պատկերացնում, իսկ պարզվեց, որ դա նույնպիսի մի զզվելի բան է, ինչպես և այն, որը շագանակագույն շրջանակի մեջ է պահում իմ հանգիստը, իսկ ժամանակ առ ժամանակ նաև անքնությունը։ Սպիտակ լաքով պատված արույրե գնդերով մետաղյա մահճակալ, թեթև ճաղավանդակներից ամենաթեթևը կկամենայի ես նրան, այլ ոչ թե անհոգի, անճարտար առարկան։ Անշարժ, ծանրացած գլխով, որևիվցե կրքի անունակ, նույնիսկ խանդի անունակ, ես կարճ ժամանակ կանգնել էի այդ երազների զոհասեղանի դիմաց, ինչի փետրաներքնակը հաստատ գրանիտից էր, հետո շրջվեցի, որպեսզի խուսափեմ տանջալից տեսարանից։ Երբեք Օսկարը չէր կարող քույր Դորոթեային և նրա քունը պատկերացնել այս գարշելի որջի մեջ։

Ես արդեն կրկին զարդասեղանիկի ճամփին էի՝ հնարավոր է, ենթարկվելով նրա վրայի կասկածելի սրվակները ի վերջո բացելու ցանկությանը, երբ պահարանն ինձ ստիպեց ուշադրություն դարձնել իր վրա, նրա գույնը սահմանել որպես սև֊շագանակագույն, հայացքս անցկացնել քիվի ակոսների վրայով և, ի վերջո, բացել, քանի որ յուրաքանչյուր պահարան միայն այն է երազում, որ իրեն բացեն։

Մեխը, որը փականքի փոխարեն պահում էր դուռը, ես ծռեցի հորիզոնական դիրքով, և առանց իմ միջամտության դռները, հոգոց հանելով հեռացան իրարից և հայացքի համար այնպիսի ընդարձակ տարածություն բացեցին, որ ես ակամա մի քանի քայլ ընկրկեցի, որպեսզի խաչված ձեռքերի վերևով հնարավոր լիներ սառնասրտորեն ամեն ինչը զննել։ Այստեղ Օսկարը չէր ցանկանում ընկնել մանրուքների ետևից, ինչպես զարդասեղանիկի վերևում, չէր ցանկանում նախապաշարմունքներով ծանրաբեռնված դատ կատարել, ինչպես նա վարվեց դիմացը կանգնած մահճակալի հետ, նա ուզում էր ընդառաջ դուրս գալ այդ պահարանին թարմ, ինչպես արարման առաջին օրը, առանց որևիցե ետին մտքերի, քանզի պահարանը ևս նրան գրկաբաց դիմավորեց։

Սակայն Օսկարը, այս անուղղելի գեղապաշտը, նույնիսկ այստեղ չկարողացավ լիովին զերծ մնալ քննադատությունից, ահա խնդրեմ, մի ինչ֊որ բարբարոս շտապողաբար պոկել է այս պահարանի փայտի կտորները, ոտքերը, որպեսզի այն այլանդակված ու տափակեցված վիճակում դնի հատակին։

Պահարանի ներքին կարգ ու կանոնը անթերի էր։ Աջ կողմից խորքային արկղում, իրար վրա էին դարսված տակի սպիտակեղենն ու բլուզները։ Սպիտակ և վարդագույն գույները մեջընդմիջում էին ակնհայտորեն չգունաթափված բաց երկնագույնի հետ։ Իրար հետ կապված երկու կարմիր֊կանաչ աղյուսիկներով վանդակավոր պայուսակները կախված էին աջ դռան ներքին մասում, սպիտակեղենով արկղերի կողքին՝ վերևում պահպանելով վերանորոգված, իսկ ներքևում՝ քանդված հանգույցներով գուլպաները։ Եթե դրանք համեմատենք նրանց հետ, որոնք Մարիան իր շեֆից ու երկրպագուից էր նվեր ստացել և որոնք հագնում էր, վանդակավոր պայուսակի միջի առարկաները ինձ թվացին եթե ոչ ավելի կոպիտ, ապա, բոլոր դեպքերում, ավելի հոծ և դիմացկուն։ Պահարանի մեծ բաժանմունքում ձախից կախիչների վրա կախված էին փայլատ, օսլայված քույրական հագուստները։ Ավելի վեր, գլխարկների դարակին, իրար վրա էին շարվել բաբախող, կոպիտ հպում չհանդուրժող, իրենց պարզությամբ չքնաղ քույրական գլխաշորերը։ Սպիտակեղենով արկղերից դեպի ձախ կախված քաղաքացիական հագուստներին ես միայն թռուցիկ հայացք պարգևեցի։ Անփույթ ու ցածրաճաշակ ընտրությունը ամրապնդում էր իմ գաղտնի հույսը․ իր հանդերձանքի այս մասին քույր Դորոթեան նվազագույն ուշադրություն է հատկացնում։ Ահա և թվով երեք, թե չորս գլխարկները, որոնք նման են կաթսաների ու անփութորեն կախված են գլխաշորերի կողքին, մեկը մյուսի վերևում, ինչից ճմրթվում էին նրանց վրայի արհեստական ծաղիկներով անհեթեթ փնջիկները՝ ավելի շուտ կիսաթուխ տորթ հիշեցնելով։ Խայտաբղետ կազմերով շուրջ տասներկու գրքեր այդ նույն գլխարկների դարակում հենվել էին կոշիկի տուփի մեջ լցված թելի կծիկներին։

Օսկարը գլուխը թեքեց դեպի ուսը, անհարաժեշտ համարեց գնալ ավելի մոտ վերնագրերը կարդալու համար։ Ես հանդուրժողական քմծիծաղով գլուխս վերադարձրի նախկին դիրքին․ բարի քույր Դորոթեան դեդեկտիվ գրքեր էր ընթերցում։ Սակայն բավական է խոսել պահարանի քաղաքացիական մասից։ Սկզբում գրքերի պատճառով նրան ընդհուպ մոտենալով ես հետո էլ պահպանեցի բարեհաջող դիրքս, ավելի կռանալով, ես գլխով մտա նրա մեջ, դադարեցի պայքարել նրա բաղկացուցիչ մասը դառնալու գնալով ավելի ամրապնդվող ցանկության հետ՝ դառնալ պարունակությունը պահարանի, որին քույր Դորոթեան վստահել է իր արտաքինի բավականին նշանակալի մասը։

Ես նույնիսկ ստիպված չեղա մի կողմ հրել ցածրակրունկ, հարմարավետ մարզակոշիկները, որոնք փայլելու աստիճան դրված էին պահարանի հատակին և սպասում էին ելքին։ Հետո միտումնավոր կանչի դրդող հրավերով պահարանը լցված էր այնպես, որ նրա կենտրոնում, ոտքերը կրծքին մոտեցնելով, Օսկարը կարող էր հանգիստ նստել ծնկների վրա, տանիք և ապաստան ձեռք բերել, ընդ որում, դրա համար նույնիսկ ստիպված չէր լինի որևէ հագուստ ճմռթել։ Ես էլ մտա։ Ես դրանից շատ բան էի սպասում։

Չնայած չկարողացա անմիջապես կենտրոնանալ։ Օսկարին թվում էր, թե իբր սենյակի իրերը և լամպը հետևում են իրեն։ Պահարանի ներքևում առավել ինտիմ պայմաններ ստեղծելու համար ես փորձեցի դուռը փակել։ Առաջ եկան դժվարություններ, քանզի դռների վրայի սողնակները շարժվում էին, վերևում ճեղք էին թողնում, լույսը ներթափանցում էր պահարան չնայած ոչ այնքան շատ, որ ինձ խանգարեր։ Իսկ ահա հոտը ուժեղացավ։ Հին, խնամքով հարդարված, այժմ քացախի հոտ չէր գալիս, այժմ, չձանձրացնելով, գալիս էր ցեցի դեմ միջոցի հոտը և լավ հոտ էր։

Իսկ ինչ էր անում Օսկարը, երբ նստած էր պահարանում։ Նա ճակատով հենվեց քույր Դորոթեայի մոտակա մասնագիտական հագուստին՝ թևքերով ու կոկորդի մոտ կոճակով խալաթին, և իմ դիմաց անմիջապես բացվեցին քույրական կենցաղի բոլոր ժամանակաշրջանները, իմ աջ ձեռքը, հավանաբար հենարան փնտրելով, շրջազգեստների կողքով գնաց ետ, խճճվեց, հենարանը կորցրեց, ինչ֊որ հարթ բան բռնեց, հենարանային շերտափայտը, սահեց մյուս, լայնակի շերտափայտի վրայով, որը հորիզոնական մեխված էր պահարանի ետին պատին, այն հենարան էր և՛ իմ, և՛ ետին պատի համար։ Օսկարն արդեն ձեռքը վերադարձրել էր նախկին դիրքին, արդեն կարող էր ուրախանալ, սակայն այստեղ ինքս ինձ ցույց տվեցի, թե ինչ առարկա էի վերցրել իմ թիկունքում։

Դա սև լաքապատ գոտի էր, սակայն ես անմիջապես տեսա և ավելին, քան գոտին, քանի որ պահարանում ամեն ինչն այն աստիճան մոխրագույն էր, որ լաքապատ գոտին ևս ոչ թե պարզապես լաքապատ գոտի էր, այլ էլի ինչ֊որ բան։ Նա լիովին կարող էր էլի ինչ֊որ բան նշանակել, նույնչափ հարթ, երկարավուն, որը ես, որպես անփոփոխ երեքամյա թմբկահար, տեսել էի Նոյֆարվասերի ծովապատնեշի մոտ․ խեղճ մայրիկիս փոքրիկ ծալվացքներով ծովի ալիքի գույնի գարնանային թիկնոցով, Մացերատը վերարկուով, Յան Բրոնսկին՝ թավշյա օձիքով, Օսկարի ծովային գլխարկի վրա երիզ կա, և երիզի վրա ոսկե տառերով գրություն «Ե․Վ․Կ․ Զայդլից»։ Այդ ամենը խմբի բաղկացուցիչ մասերն էին, իսկ վերարկուն ու թավշայա օձիքը ցատկում էին իմ ու մայրիկի առջև՝ վերջինս իր բարձր կրունկների պատճառով ընդհանրապես չէր կարող ցատկել՝ քարից քար, մինչև նավարկության նշանը, որի տակ նստել էր ձկնորսը՝ ապիտակ պարանով ու կարտոֆիլի պարկով, որը լցաված էր աղով ու շարժումով։ Իսկ մենք, երբ տեսանք պարկն ու պարանը, ցանկացանք իմանալ, թե որպես ինչ է նա նստել նավարկության նշանի տակ ու լվացքի պարանով ձուկ բռնում, սակայն տիպը Նոյֆարվասերից կամ Բրոյզենից՝ դե գնա իմացիր, թե որտեղից է՝ ծիծաղեց և ջուրն ուղարկեց խիտ, շագանակագույն թուքը, որը տեղից չշարժվելով, դեռ երկար ճոճվում էր ծովավատնեշի կողքի ալիքների վրա, մինչև որ այն չվերցրեց ճայը։ Ճայը, նա ինչ ուզես կվերցնի, դա ձեզ համար փափկակյաց աղավնի չէ կամ առավել ևս բուժքույր՝ շատ ավելի հեշտ կլիներ, եթե այն ամենը, ինչը զգեստավորված է սպիտակով, հնարավոր լիներ հավաքել մի տեղ ու թաքցնել պահարանում։ Սևի մասին ևս կարելի է նույն բանը ասել, քանզի այն ժամանակ ես դեռ չէի վախենում սև խոհարարուհուց, անմեղ նստել էի պահարանում և նույնչափ, առանց վախի էլ անհողմ եղանակին կանգնել էի Նոյֆարվասերի ծովապատնեշի վրա, այստեղ ձեռքս էի վերցրել լաքապատ գոտին, այնտեղ՝ մեկ այլ բան, որը չնայած սև էր ու լպրծուն, սակայն ոչ գոտի։ Եվ քանի որ ես նստած էի պահարանում՝ համեմատություններ էի փնտրում (քանզի պահարանները դրդում են համեմատություններ անել), սև խոհարարուհուն կոչում էին անունով, սակայն այն ժամանակ դա դեռ իմ մեջ այդքան խորը չէր ներթափանցել, սպիտակի մասով ես ավելի շատ էի տեղակացված, հազիվ թե կարողանայի ճային քույր Դորոթեայից տարբերել։ Սակայն ինձանից վանում էի աղավնիներին և ուրիշ հիմարությունները՝ նամանավանց, երբ մենք մեկնեցինք Բրոյզեն, ոչ թե Երրորդությունն էր, այլ Չարչարանաց ուրբաթը։ Ավելի ուշ իջանք ծովապատնեշի մոտ, բացի դա աղավնիներ էլ չկային նավարկության նշանի տակ, որի տակ նստած էր սպիտակ պարանով Նոյֆարվասերի տղան, նստել ու թքում էր։ Իսկ երբ բրոյզենցի տղան պարանը սկսեց քաշել դուրս, մինչև որ պարանը մոտեցավ վերջին՝ ցույց տալով մեզ, թե ինչից էր, որ այդքան դժվար էր այն լճացված մոթլավյան ջրից դուրս հանելը, երբ իմ խեղճ մայրիկը ձեռքը դրեց Յան Բրոնսկու ուսին և թավշե օձիքի վրա, որովհետև նրա երեսը պատեց ալրային գունատությունը, որովհետև նա ցանկանում էր հեռանալ, իսկ դրա փոխարեն պիտի նայեր, թե ինչպես է այդ տիպը ձիու գլուխը նետում քարերի վրա, թե ինչպես են մանր ու կանաչավուն, ծովային ալիքի գույնի, օձաձկները դուրս սողում բաշի միջից։ Իսկ խոշորները, առավել մգոտները, նա ինքն էր դուրս ճզմում լեշի միջից, կարծես պտուտակներ էր քաշելով հանում, սակայն այդ ժամանակ ինչ֊որ մեկը պատռեց փետրաներքնակը, ես ուզում եմ ասել՝ թռան եկան ճայերը, նրանք վրա պրծան, որովհետև ճայերը, երբ նրանք երեքից ոչ պակաս են կամ ավելի շատ, հեշտությամբ կհաղթահարեն ոչ մեծ օձաձկանը, իսկ ահա նրանց հետ, որոնք ավելի խոշոր են, ավելի դժվար է լինում։ Սակայն այդ ժամանակ տղան բացեց ձիու ծնոտները, ատամների արանքը փայտե պահանգ դրեց և կարծես թե ձին ծիծաղեց, այնուհետև նա իր մազոտ ձեռքը մտցրեց խորքը, ձեռք գցեց ու բռնեց։ Այն նույն ձևով ինչպես ես պահարանում ձեռքս գցեցի ու բռնեցի, այնպես էլ նա դուրս քաշեց՝ ինչպես ես լաքապատված գոտին, սակայն չէ՞ որ նա անմիջապես երկուսին գցեց օդ ու նետեց քարերի վրա, մինչև որ իմ խեղճ մայրիկը ետ տվեց ողջ նախաճաշը, որը բաղկացած էր կաթով սուրճից, դեղնուցից, սպիտակուցից, մի քիչ ջեմից ու սպիտակ հացից, այն աստիճան առատ նախաճաշ, որ ճայերն անմիջապես շեղակի գրոհեցին, իջան մեկ հարկ ներքև, հրատապ վայրէջք կատարելով, իսկ ճչոցի մասին մենք էլ չենք խոսի, և այն, որ ճայերը շատ աչքեր ունեն, դա բոլորը գիտեն։ Եվ հնարավոր էլ չէր նրանց վռնդել, Յան Բրոնսկին հո չէ՞ր նրանց վռնդելու, նա ինքն էր նրանցից վախենում, նա երկու ձեռքերով փակեց իր կլոր, երկնագույն աչքերը, իմ թմբուկին նրանք չէին ենթարկվում, նրանք կուլ էին տալիս ու կուլ էին տալիս, իսկ այդ ընթացքում ես, ցասման ու հիացմունքի մեջ, փնտրեցի ու նոր ռիթմ գտա, միայն թե իմ խեղճ մայրիկը այդ ռիթմերը չէր լսում։ Նա իր հոգսերն ուներ, նա շարունակ խեղդվում էր ու խեղդվում, սակայն նրա ներսից այլևս ոչինչ էլ դուրս չեկավ, որովհետև նա նախաճաշին այդքան էլ շատ չէր կերել, նա իր կազմվածքն էր պահպանում և այդ իսկ պատճառով, շաբաթական երկու անգամ կանանց ակումբ էր այցելում, միայն թե դա նրան չէր օգնում, միևնույն է, նա գաղտնի էր ուտում և միշտ ինչ֊որ մի խորամանկություն էր հորինում։ Ահա և նոյֆարվասերցի տղան, ի հեճուկս բոլոր տեսությունների, վերջին մոտ, երբ ներկա գտնվողներն արդեն մատծում էին, որ այլևս ոչինչ չի լինի, ձիու ականջից ևս մեկ օձաձուկ հանեց։ Օձարուկը ամբողջապես մի ինչ֊որ սպիտակ շիլայով էր պատված, որովհետև ձիու ուղեղի մեջ էր քչփորել, սակայն այդ օձաձկանը այնքան պտտեցրին, մինչև որ ողջ շիլան նրա վրայից պոկվեց ու օձաձուկը փայլեց իր լաքապատ կողերով, դարձավ լաքապատ գոտու նման, դեպի ինչն էլ ես տանում եմ իմ ակնարկը․ ահա այդպիսի լաքապատ գոտի էր կրում քույր Դորոթեան, երբ անձնական գործերով էր դուրս գալիս և առանց կարմիր խաչով նշանի։

Իսկ մենք այն ժամանակ գնացինք տուն՝ չնայած որ Մացերատը դեմ չէր մնալուն, որովհետև ալիք բարձրացնելով նավահանգստին էր մոտենում մոտավորապես հազար ութ հարյուր տոննա տարողությամբ ֆինը։ Այն տղան ձիու գլուխը թողեց ծովապատնեշի վրա։ Սևաթույրը շուտով դարձավ սպիտակագույն ու գոռաց, սակայն գոռում էր ոչ այնպես, ինչպես գոռում են ձիերը, այլ ավելի շուտ այնպես, ինչպես կարող էր գոռալ սպիտակ ամպը, որը բարձրաձայն ու ագահորեն կպչելով՝ պատեց ձիու գլուխը։ Այն ժամանակ դա, ընդհանուր առմամբ, լիովին հաճելի էր, որովհետև այժմ ձիու գլուխը չէր երևում՝ չնայած բոլորն էլ հասկանում էին, թե ինչ է թաքնված այդ խելագարության տակ։ Բացի դա, ֆինն էլ էր մեր ուշադրությունը շեղում, նա իր վրա անտառանյութ էր բարձել և շիկահեր էր, ինչպես Զասպեի գերեզմանների ճաղավանդակները։ Սակայն իմ խեղճ մայրիկը չշրջվեց ու չնայեց ո՛չ ֆինին, ո՛չ ճայերին։ Նա մինչև կոկորդը կուշտ էր։ Եվ չնայած նախկինում նա մեր դաշնամուրի վրա ոչ միայն «Փոքրիկ ճայն» էր նվագում, այլ նաև երգում էր, այդ երգը այլևս երբեք չէր կատարում, նա ընդհանրապես այլևս ոչինչ չէր երգում, սկզբում ընդհանրապես չէր ուզում ձուկ ուտել, հետո մի գեղեցիկ օր սկսեց հանկարծ ուտել, այն էլ՝ այնքան շատ, այն էլ այնքան յուղալի, մինչև որ այլևս չկարողացավ, ոչ, այլևս չցանկացավ, մինչև կոկորդը կուշտ էր ոչ միայն օձաձկներից, այլ նաև կանանցից ու առանձնապես տղամարդկանցից, իսկ գուցե նաև Օսկարից։ Համենայն դեպս նա, որ նախկինում ոչնչից չէր ցանկանում հրաժարվել, հանկարծ դարձավ ավելի չափավորված ու ավելի զսպված և թույլ տվեց, որ իրեն թաղեն Բրենտաուի գերեզմանատանը։ Հավանաբար, ես նման եմ նրան, որովհետև մի կողմից չեմ ուզում ոչնչից հրաժարվել, իսկ մյուս կողմից՝ կարող եմ բավարարվել առանց ամեն ինչի, միայն առանց ծխահարված օձաձկների, չնայած նրանց սարսափազդու գնին, չեմ կարող ապրել։ Թեկուզ վերցնենք հենց նույն քույր Դորոթեային, որին ես երբեք չեմ տեսել, նրա նկատմամբ գործում էին այդ նույն կանոնները, նրա լաքապատ գոտին վերջ չուներ, այն նույնիսկ բազմապատկվում էր, քանզի ես ազատ ձեռքով արձակում էի շալվարիս կոճակները և դա անում էի այն նպատակով, որպեսզի ինձ կրկին պատկերացնեի քրոջը, որը բազմաթիվ լաքապատ օձաձկների ու նավահանգիստ մնտող ֆինի պատճառով կորցրել էր իր հստակ ուրվագծերը։

Կամաց֊կամաց Օսկարին, որին կրկին ու կրկին ուղարկում էին ծովապատնեշ, ի վերջո ճայերի օգնությամբ հաջողվեց ձեռք բերել քույր Դորոթեայի աշխարհը, համենայն դեպս զգեստապահարանի այն մասում, որտեղ նա պահում էր իր դատարկ, սակայն ձգող աշխատանքային հագուստը։ Իսկ երբ այն ի վերջո լիովին պարզորոշ տեսա և, ինչպես թվում էր, մասնակիորեն կռահեցի նրա դեմքի գծերը, սողնակները դուրս շարժվող ծխնիների միջից ճռռոցով բացվեցին պահարանի դռները, հանկարծահաս լույսը սպառնում էր ինձ մոլորության մեջ գցել, և Օսկարը ստիպված էր մեծ ջանք թափել, որպեսզի ցայտուկներով չկեղտոտի քույր Դորոթեայի բոլորից մոտ կախված խալաթը։

Միայն անհրաժեշտ անցումը իրապես կատարելու նպատակով, ինչպես նաև որպեսզի ներսում մնալը ավարտին հասցնեմ, պահարանի ներսում մնալը, որը հակառակ սպասումի, ինձ հոգնեցրեց, Օսկարն արեց այն, ինչ արդեն շատ տարիներ չէր արել․ նա ավելի կամ պակաս հմտությամբ պահարանի վերևի չորացած պատի մոտ մի քանի տակտ թմբկահարեց, հետո դուրս եկավ, ևս մեկ անգամ ստուգեց նրա սանիտարական վիճակը՝ ես ինձ չէի կարող նախատել վճռականորեն ոչնչի համար, նույնիսկ գոտին չէր կորցրել իր փայլը։ Թերևս ոչ, պետք էր որոշ խամրած մասերը շփել, նաև նրանց վրա շնչել, մինչև որ գոտին դարձավ այն, ինչը հիշեցնում էր օձաձկներին, որոնց իմ մանկության ժամանակներում որսում էին Նոյֆարվասերի ծովապատնեշի վրա։

Ես՝ Օսկարս, լքեցի քույր Դորոթեայի սենյակը, սակայն նախքան հեռանալս, խլեցի քառասուն մոմանոց լամպի լույսը, որն իմ այցելության ամբողջ ժամանակ հետևում էր ինձ։


Կլեփ

Ահա ևս ես կանգնել էի միջանցքում, իմ դրամապանակի մեջ պահպանում էի բաց գույնի մազերի փնջիկը, մեկ վայրկյանի չափ ձգտում էի կաշվի կոստյումի աստառի, բաճկոնի, վերնաշապկի միջով զգալ այդ փնջիկը, սակայն չափազանց հոգնել էի և այն կարգի տարօրինակ տխուր երանգով էի բավարարված, որ անկարող էի իմ կողմից սենյակից դուրս բերված ավարի մեջ տեսնել ավելին, քան սովորական խծուծներ, որոնք յուրաքանչյուր սանրի վրա կարելի է գտնել։

Օսկարը այժմ միայն ինքն իրեն խոստովանեց, որ այլ գանձերի ետևից էր եկել։ Չէ՞ որ գտնվելով քույր Դորոթեայի սենյակում ես ուզում էի ինքս ինձ ապացուցել, որ այստեղ ինչ֊որ տեղ կարելի է հայտնաբերել հենց այն բժիշկ Վերների հետքերը, նույնիսկ ինձ արդեն հայտնի ծրարներից մեկի օգնությամբ։ Ես ոչինչ չգտա։ Ոչ մի ծրար և, առավել ևս, գրված թերթ։ Օսկարը ստիպված է խոստովանել, որ քույր Դորոթեայի գլխարկների դարակից մեկ առ մեկ իջեցնում էր դեդեկտիվները, բացում էր, ուսումնասիրում էր ծանոթագրություններն ու էջանիշները, դրանից բացի, ես փնտրում էի որևիցե մի լուսանկար, որովհետև Օսկարը անուններով չգիտեր Մարիինյան հոսպիտալի բժիշկների մեծ մասին, բայց դրա փոխարեն՝ գիտեր տեսքով։ Բայց նա ոչ մի տեղ բժիշկ Վերների լուսանկարը չհայտնաբերեց։

Դատելով ամեն ինչից վերջինս չգիտեր քույր Դորոթեայի սենյակը, իսկ եթե ինչ֊որ ժամանակ տեսել էր նրան, ապա նրան չէր հաջողվել իր այցելության հետքերը թողնել։ Եվ Օսկարն ուներ հրճվելու բոլոր հիմքերը։ Մի՞թե ես մի ամբողջ կույտ առավելություններ չունեի բժշկի նկատմամբ։ Մի՞թե բժշկի ցանկացած կարգի հետքերի բացակայությունն ապացույց չէր ծառայում այն բանի, որ բժշկի ու քրոջ միջև հարաբերությունները գոյություն ունեն միայն հիվանդանոցի սահմաններում, այսինքն՝ դրանք ծառայողական հարաբերություններ են, իսկ եթե նույնիսկ ոչ ծառայողական, ապա ծայրահեղ դեպքում միակողմանի են։

Սակայն Օսկարի խանդը կարիք ուներ առիթի։ Որքան էլ որ ինձ ցավագաին խոցեին բժիշկ Վերների սենյակում լինելու անգամ փոքրագույն հետքերը, ես ոչ պակաս չափով նաև բավարարվածություն կզգայի, որը չէր կարող որևէ համեմատության մեջ դրվել զգեստապահարանում նստելու վաղանցուկ ու կարճաժամկետ արդյունքի հետ։

Արդեն չեմ էլ հիշում, թե ինչպես վերադարձա իմ սենյակ, հիշում եմ միայն, որ միջանցքի մյուս ծայրում, այն դռան ետևում, որը փակում է ոմն պարոն Մյունցերի սենյակը, անբնական, ուշադրություն հրավիրելու ձգտող հազի ձայն լսվեց։ Չնայած ինչ գործ ունեմ ես պարոն Մյունցերի հետ։ Մի՞թե ինձ բավական չէ Ոզնու մյուս կենվորուհին։ Կհրամայեք ի դեմս Մյունցերի, դե գնա ու իմացիր, թե ինչ է թաքնվում այդ անվան տակ, ինձ վրա և՞ս մեկ բեռ վերցնել։ Այդ իսկ պատճառով Օսկարը չլսելու տվեց պահանջկոտ հազը կամ, ավելի ճիշտ, ես չհասկացա, թե ինչ են ինձանից ուզում, և միայն իմ սենյակում եկա այն հետևության, որ ինձ համար անհայտ ու անհետաքրքիր այդ պարոն Մյունցերը հենց միայն այն նպատակով էլ հազաց, որպեսզի ինձ, Օսկարիս, խաբեությամբ տանի իր սենյակ։

Ազնվորեն կխոստովանեմ․ ես երկար ժամանակ ափսոսում էի, որ ոչ մի կերպ այդ հազին չարձագանքեցի, քանի որ սենյակն ինձ համար այնքան նեղ և այնքան անսահման դարձավ, որ ցանկացած խոսակցություն, նույնիսկ պարոն Մյունցերի հետ տանջալից ու հարկադրված խոսակցությունը, ինձ համար բարերարություն կլիներ։ Սակայն ինձ չէր բավարարում համարձակությունը, որպեսզի չնայած ուշացումով, միջանցքում նման մի հազ ներկայացնեի և միջանցքի մյուս ծայրի պարոնի հետ կապ հաստատեի, դրա փոխարեն ես ենթարկվեցի իմ սենյակի խոհանոցային աթոռի անհողդողդ անկյունավորությանը, ինչպես և ամեն անգամ, երբ ես նստում եմ աթոռների վրա, արյանս մեջ զգացի անհանգստություն, անկողնու վրայից ինչ֊որ բժշկական տեղեկագիր վերցրեցի, թանկարժեք գիրքը, որը ձեռք էի բերել բնորդի դժվարին աշխատանքով վաստակածս փողերով, ձեռքիցս վայր ընկավ, ինչի հետևանքով մի փոքր ճմռթվեց։ Սեղանի վրայից վերցրեցի թմբուկս՝ Ռասկոլնիկովի նվերը, այն պահեցի ձեռքերիս մեջ, սակայն չկարողացա ո՛չ փայտիկներով մոտենալ, ո՛չ արցունքներով թրջել դեմքս, չնայած արցունքները ընկնելով սպիտակ, կլոր լաքի վրա, ինձ նույնիսկ ոչ ռիթմիկ թեթևություն կբերեին։

Այժմ կարելի էր սկսել կորսված անմեղության մասին գիտական շարադրանքը, կարելի էր թմբկահարողին՝ հավերժ երեք տարեկան Օսկարին, դնել կուզիկ, ձայնազուրկ, անարցունք ու անթբուկ Օսկարի կողքին, սակայն դա չէր համապատասխանում իրականությանը․ Օսկարը, երբ նա դեռ թմբկահարող Օսկարն էր, բազմիցս կորցրել էր իր անմեղությունը, կրկին այն ձեռք բերեց կամ թույլ տվեց, որ այն նորովի աճի։ Քանզի անմեղությունը կարելի է համեմատել խելահեղորեն աճող մոլախոտի հետ, օրինակի համար, մտածեք այդ բոլոր անմեղ տատիկների մասին, որոնք իրենց ժամանակին եղել են զզվելի, չարությամբ լցված մանուկներ, ոչ, ոչ, ոչ թե անմեղության խաղը, այլ անմեղությունը Օսկարին ստիպեց վեր ցատկել աթոռից։ Ավելի շուտ, թերևս քույր Դորոթեայի հանդեպ սերն ինձ կարգադրեց չթմբկահարված թմբուկը դնել իր տեղը, լքել սենյակը, միջանցքը, ցայդլերյան բնակարանը և ներբաններս ուղղել դեպի Գեղարվեստի ակադեմիան՝ չնայած պրոֆեսոր Քուխենը ինձ միայն օրվա երկրորդ կեսին էր հրավիրել։

Երբ Օսկարը չափից դուրս համարձակ քայլերով իր սենյակից դուրս եկավ միջանցք, դանդաղեցված ու բարձր ձայնով բացեց բնակարանի դուռը, ես ինչ֊որ մի ակնթարթ պարոն Մյունցերի դռան մոտ ականջ դրեցի։ Նա չէր հազում, և ես վրդովված, ամոթահար եղած, բավարարված և սոված, ափսոսանքով ու կյանքի ծարավով լցված, մերթ ժպտալով, մերթ լաց լինելու պատրաստ, լքեցի բնակարանը և, ի վերջո, Յուլիխերշտրասեի տունը։

Մի քանի օր անց ես ձեռնամուխ եղա իմ մեջ վաղուց հասունացած ծրագրի իրականացմանը, որի հետաձգումը դարձավ այն մինչև վերջին տարրը քննության ենթարկելու լավագույն միջոցը։ Այդ օրը մինչև ճաշի ժամը ես անելիք չունեի։ Օսկարն ու Ուլլան միայն ժամը երեքին պիտի կեցվածք ընդունեին գաղափարներով շռայլ նկարիչ Ռասկոլնիկովի համար, ես՝ Ոդիսևսի կարգավիճակով, որը, վերադառնակով, Պենելոպեին կուզ է բերում նվեր։ Զուր էի ձգտում ստիպել նկարչին հրաժարվել այդ գաղափարից։ Այդ ժամանակ նա, ոչ առանց հաջողության, ապրում էր հունական աստվածների ու կիսաստվածների հաշվին։ Ուլլան առասպելաբանության մեջ իրեն լավ էր զգում, այդ իսկ պատճառով ես հանձնվեցի, թույլ տվեցի Հրաբուխին ինձ նկարել, Պլուտոնին Պրոզերպինայի հետ, ի վերջո, ինչպես և այն օրը, կուզիկ Ոդիսևսին։ Սակայն այդ առավոտվա նկարագրությունը ինձ առավել կարևոր է պատկերանվում։ Այդ իսկ պատճառով Օսկարը ձեզ չի պատմի, թե ինչպիսի տեսք ուներ Ուլլան Պենելոպեի դերում և ուղղակի կասի․ Ցայդլերների բնակարանում լռություն էր տիրում։ Ոզնին իր մազ կտրելու մեքենաներով շրջագայում էր առևտրական գործերով, քույր Դորոթեայի մոտ ցերեկային հերթափոխ էր, նշանակում է, որ ժամը վեցից նա տանը չէր, իսկ ֆրաու Ցայդլերը, երբ ութից հետո փոստը բերեցին, դեռ պառկած էր անկողնում։

Ես անմիջապես աչքի անկացրի թղթակցությունը, ինձ համար ոչինչ չգտա՝ Մարիայի վերջին նամակից երկու օր էր անցել, դրա փոխարեն անմիջապես հայտնաբերեցի տեղական նամակը և նրա վրա Վերների այն տարակուսելի ձեռագիրը։

Սկզբում ես նամակը դրեցի մնացածների մոտ, որոնք եկել էին Ցայդլերուհու և Մյունցերի անուններով, վերադարձա ինձ մոտ և սպասեցի, մինչև Ցայդլերուհին դուրս կգա միջանցք, վարձակալին կփոխանցի նրա նամակը, կմտնի խոհանոց և, վերջապես, կվերադառնա իր մոտ՝ ննջարան, որպեսզի առավելագույնը տասը րոպեից լքի բնակարանը և տունը, քանզի իննին Մանեմանի մոտ սկսվում է նրա աշխատանքային օրը։

Ստույգության համար Օսկարը նաև էլի սպասեց, դիտավորյալ դանդաղկոտությամբ հագնվեց, մաքրեց եղունգները՝ ընդ որում, արտաքնապես պահպանելով հանգստությունը և միայն այդ ժամանակ ձեռնամուխ եղավ վճռական գործողություններին։ Ես անցա խոհանոց, կիսով չափ ջուր լցված ալյումինե կաթսան դրեցի երեքգլխանոց գազօջախի մեծ այրիչի վրա, սկզբում գազի հոսքը բարձրացրեցի ամենաբարձր չափով, իսկ հետո, երբ ջրից գոլորշի բարձրացավ, պտտեցի ամենացածր չափի վրա, երկու քայլերով, իմ մտքերը խնամքով թաքցնելով և հնարավորության սահմաններում իմ գործողություններից չշեղվելով, հայտնվեցի քույր Դորոթեայի դռան դիմաց։ Վերցրեցի նամակը, որը Ցայդլերուհին կիսով չափ մտցրել էր ապակեպատ դռան տակ, կրկին հայտնվեցի խոհանոցում և այնքան ժամանակ նամակը հակառակ կողմով, զգուշությամբ պահեցի գոլորշու վերևում, մինչև որ կարողացա այն բացել՝ ընդ որում, այն չվնասելով։ Սակայն մինչ Օսկարը համարձակվեց բժիշկ Է․ Վերների նամակը պահել գոլորշու վերևում, նա, դե իհարկե, գազը հանգցրեց։ Բժշկի ուղերձը ես կարդացի ոչ թե խոհանոցում, այլ իմ անկողնու վրա պառկած։ Սկզբում ես արդեն պատրաստ էի հիասթափություն ապրել, քանզի ո՛չ ուղերձը, ո՛չ եզրափակիչ ձևակերպումը ինձ ոչինչ չհայտնեցին քրոջ ու բժշկի միջև հարաբերությունների մասին։

«Թանկագին օրիորդ Դորոթեա, ― սկսվում էր նրա նամակը և, ― Ձեզ հավատարիմ Էրիխ Վերներ»։

Դրանից բացի, ես նաև հիմնական տեքստը ընթերցելիս ոչ մի փաղաքշական բառի չհանդիպեցի։ Ուղղակի Վերները ափսոսանք էր հայտնում, որ նախորդ օրը չկարողացավ խոսել Դորոթեայի հետ՝ չնայած որ հպանցիկ տեսավ նրան տղամարդկանց մասնավոր բաժանմունքի դռան դիմաց։ Սակայն բացարձակապես անհասկանալի պատճառներով քույր Դորոթեան անմիջապես շրջվել էր, երբ տեսել էր քույր Բեաթեի հետ զրուցող բժշկին, այլ խոսքերով, Դորոթեայի ընկերուհիներին։ Եվ այժմ բժիշկ Վերները կցանկանար բացատրել, քանզի խոսակցությունը, որը նա վարում էր քույր Բեաթեի հետ, զուտ գործնական բնույթ ուներ։ Ինչպես նրան՝ քույր Դորոթեային, անկասկած հայտնի է, նա անփոփոխ ջանքեր է գործադրում, որպեսզի տարածություն պահպանի իր և թեթևակիորեն անզուսպ քույր Բեաթեի միջև։ Նա՝ Դորոթեան, որը լավ է ճանաչում քույր Բեաթեին, պետք է հասկանա, որ այդ խնդիրը հեշտերից չէ, քանզի քույր Բեաթեն երբեմն չափից դուրս բացահայտորեն է ի ցույց դնում իր զգացմունքները՝ չնայած ինքը՝ բժիշկ Վերները, դրանց չի էլ պատասխանում։ Նամակի վերջին արտահայտությունը հռչակում էր․ «Հավատացեք ինձ, որ դուք միշտ կկարողանաք հաղորդակցվել ինձ հետ»։ Չնայած այդ տողերի ձևականությանը, սառնությանը և, նույնիսկ, ամբարտավանությանը, ես, վերջ ի վերջո, առանց դժվարության վերծանեցի բժիշկ Վերների ոճը և նամակը ընկալեցի, ինչը և ընդհանրապես կազմում էր նրա իմաստը, որպես սիրո բոցավառ խոստովանություն։

Ես ինքնաբերաբար նամակը մտցրեցի ծրարի մեջ՝ մոռանալով նախազգուշական բոլոր ու ամեն տեսակի միջոցառումների մասին, սոսնձի երիզը, որի վրայով նախկինում հավանաբար իր լեզուն է անցկացրել բժիշկ Վերները։ Ես այս անգամ խոնավացրի Օսկարի լեզվով, հետո սկսեցի ծիծաղել և ձեռքիս ափով հարվածեցի ճակատիս ու ծոծրակիս, մինչև որ այդ շմփացնելու ընթացքում ինձ հաջողվեց Օսկրի աջ ձեռքը պոկել օսկարյան ճակատից, այն դնել դռան բռնակի վրա, բացել դուռը, դուրս գալ միջանցք և բժիշկ Վերների նամակը կիսով չափ թաքցնել այն դռան տակ, որը պատնեշում էր ինձ քաջ հայտնի քույր Դորոթեայի ննջարան իմ նեթափանցումը։

Ես դեռ նստած էի ծնկներիս վրա, ես դեռ, հնարավոր է, մեկ կամ երկու մատներով պահել էի նամակը, երբ այդ ժամանակ միջանցքի մյուս ծայրի սենյակից լսվեց պարոն Մյունցերի ձայնը։ Ես կարողացա տարբերել այդ դանդաղեցված, կարծես թե ձայնագրության համար նախատեսված կանչի ամեն մի բառը․

― Ախ, թանկագին պարոն, չէի՞ք կարող դուք արդյոք ինձ մի քիչ ջուր բերել։

Ես ուղղվեցի՝ կարծելով, որ Մյունցերը, հավանաբար, հիվանդացել է, սակայն անմիջապես հասկացա, որ դռան ետևի մարդը ամենևին էլ հիվանդ չէ։ Իսկ Օսկարը ուղղակի ներշնչում է իրեն, որ մարդը հիվանդ է, որպեսզի հարևանին ջուր բերելու առիթ ունենա, քանզի սովորական, ոչնչով չհիմնավորված կանչը աշխարհում ոչ մի դեպքում ինձ չէր դրդի մտնել բացարձակապես անծանոթ մարդու սենյակը։

Սկզբում ես ուզում էի նրան բերել հենց այն, ալյումինե կաթսայի միջի դեռ չսառած ջուրը, որն օգնեց ինձ բացել բժիշկ Վերների նամակը։ Հետո, այնուամենայնիվ, օգտագործած ջուրը դատարկեցի լվացարանի մեջ, կաթսայի մեջ լցրեցի թարմը և այն տարա դեպի այն դուռը, որի ետևում կենում էր պարոն Մյունցերի ձայնը, որը ծարավ էր ինձ ու ջրին կամ, հնարավոր է, միայն ջրին։

Օսկարը դուռը թակեց, ներս մտավ և անմիջապես դեմ առավ Կլեփի համար այդքան բնորոշ հոտին, եթե ես դրանով իսկ կթաքցմեմ նրա ամենևին էլ ոչ նվազ պայծառությամբ արտահայտված քաղցր գոյականացումը։ Այսպես, օրինակ, կլեփյան հոտը կտրականապես որևէ ընդհանուր բան չուներ քույր Դորոթեայի սենյակի քացախի հոտի հետ։ «Թթվաքաղցր» ասելը նույնպես սխալ կլիներ։ Վերը հիշատակաված պարոն Մյունցերը՝ նույն ինքը Կլեփը, ինչպես ես այսօր նրան անվանում եմ գերալարկոտ, սակայն, այդ ամենով հանդերձ, անշարժ չէ, քրտնող է, սնահավատ, անլվա և, այդուհանդերձ, բարոյական չէ, ոչ մի կերպ հանգիստ մահանալ չկարողացող ֆլեյտահար և ջազային կլարնետահար է, արձակում էր և մինչ օրս էլ դիահոտ է արձակում, որն անկարող է հրաժարվել սիգարետներ ծխելուց, դաղձի բլիթներ ծծելուց և սխտորի անուշահոտ բուրմունք արձակելուց։ Նման հոտ նրանից գալիս էր արդեն այն ժամանակներում, այդպիսի հոտ է գալիս նրանից նաև մինչ օրս, երբ կենսասիրության ոգին ու անցավորությունը իր ետևից քարշ տալով, նա այցելությունների ժամերին հարձակվում է ինձ վրա, որպեսզի հետո, իր հեռացումը ուղեկցելով բազմաթիվ ծիսակատարություններով, որոնք անխուսափելի վերադարձ են խոստանում, Բրունոյին ստիպի անմիջապես լայն բացել պատուհաններն ու դռները և մի լավ միջանցիկ քամի կազմակերպի։

Այսօր մահճակալի վրա Օսկարն է պառկած։ Այն ժամանակ Ցայդլերի բնակարանում ես Կլեփին գտա անկողնու մնացորդների վրա։ Նա քայքայվում էր՝ ունենալով գերազանց տրամադրություն և հնաոճ, որոշ չափով բարոկկոյի տեսքով սպիրտայրոցի կոքին պահում էր ամբողջ տասներկու փաթեթ սպագետտի, ձիթապտուղի յուղով բանկաներ, պարկուճներով տոմատի մածուկներ, թերթի վրա հում քարաղ և մի արկղ մուգ շշերով, ինչպես պարզվեց հետագայում, գարեջուր։ Դատարկ շշերի մեջ նա միզում էր անկողնուց վեր չկենալով, իսկ հետո, ինչպես ինձ մտերմաբար հայտնեցին, մեկ ժամ անց, խցանով փակում էր կանաչավուն տարողությունները, որոնք ճշտորեն համապատասխանում էին նրա պահանջմունքներին և դրանք փութկոտությամբ առանձնացնում այն շշերից, որոնք դեռ բառի բուն իմաստով գարեջուր էին, որպեսզի ծարավի արթնացման ժամանակ անկողնու բնակիչն իրեն շփոթելու վտանգին չենթարկի։ Չնայած սենյակում հոսող ջուր կար՝ որոշակի չափով ձեռներեցության դեպքում Կլեփը լիովին կարող էր միզել լվացարանի մեջ, նա չափից դուրս ինքն իրեն խանգարում էր վեր կենալ, որպեսզի նման ջանքերի գնով լքեր ճզմված անկողինը և սպագետտիի կաթսայիկով իր համար մաքուր ջուր բերեր։

Քանի որ Կլեփը՝ նույն ինքը պարոն Մյունցերը, մեկ և միևնույն ջրի մեջ անփոփոխ մակարոնեղեն էր եփում, այլ խոսքերով, աչքի լույսի պես էր պահպանում բազմակի անգամ տեղից տեղ դատարկած, օր օրի ավելի ու ավելի խիտ դարձող ջրիկախույսը, նրան դատարկ շշերի պահուստի օգնությամբ երբեմն հաջողվում էր չորս օր շարունակ, իսկ երբեմն էլ ավելի, պահպանել մարմնի հորիզոնական, մահճակալի համար ամենապիտանի դիրքը։

Կործանումը եկավ, երբ սպագետտիի համար խառնաջուրը եփելով վեր ածվեց ինչ֊որ մի չափազանց աղի, կպչուն գնդի։ Ճիշտ է, այս դեպքում Կլեփը լիովին կարող էր տրվել սովի տնոօրինությանը, սակայն այն ժամանակ նա դեռ գաղափարապես պատրաստ չէր դրան, դրանից բացի, նրա մենակյացությունը սկզբից ևեթ և ետ ժամանակային առումով սահմանափակված էր չորս, հինգ օրերով, այլապես ֆրաու Ցայդլերը, որը նրան բերում էր փոստը կամ ուղղակի մեծ չափսերի կաթսա ու ջրի պահուստ, որը համապատասխանեցված էր մակարոնե արտադրանքների պահուստի հետ, նրան շրջապատող միջավայրից էլ ավելի անկախ կդարձնեին։

Մինչ այն ժամանակը, երբ Օսկարը խախտեց նամակագրության գաղտնիությունը, Կլեփը արդեն հինգ օր է, ինչ անշարժ պառկած էր անկողնու մեջ, իսկ մակարոնեղենի ջրի մնացորդներով լիովին կարող էր գովազդային սյուների վրա ցուցապաստառներ փակցնել։ Սակայն այդ ժամանակ նա լսեց քույր Դորոթեային և նրա նամակներին նվիրված միջանցքի իմ անվճռական քայլերը։ Հասկանլով, որ Օսկարը չի արձագանքում հազի միտումնավոր, պահանջկոտ, սուր բռնկումներին, նա այդ օրը, երբ ես ընթերցեցի բժիշկ Վերների զսպված կրքով լի սիրային նամակը, որոշեց դիմել իր ձայնի օգնությանը։

― Ախ, թանկագին պարոն, չէի՞ք կարող դուք արդյոք ինձ մի քիչ ջուր բերել։

Եվ ես վերցրեցի կաթսան, դատարկեցի գոլ ջուրը, բացեցի ծորակը, ջրի շիթը թողեցի, մինչև որ կաթսան կիսով չափ լցվեց, էլի մի քիչ ավելացրեցի և, լրացնելով, նրան թարմ ջուր տարա, այսինքն՝ խաղացի այն թանկագին պարոնի դերը, ում տեղը նա ինձ դնում էր, ներկայացա, ինձ անվանելով Մացերատ՝ որպես քարհատ ու գրանիտագործ։

Նույնչափ հարգանքով նա մի քանի աստիճանների չափով մարմինը բարձրացրեց վեր, ներկայացավ՝ Էգոն Մյունցեր, ջազի մասնագետ, սակայն խնդրեց իրեն անվանել Կլեփ, քանի դեռ իր հորն էին Մյունցեր անվանում։

Ես նրա խնդանքը գերազանց հասկացա, հոմ զուր չէր, որ ես ինքս էլ էի գերադասում ինձ Կոլյայչեկ կամ ուղղակի Օսկար անվանել, «Մացերատ» անունը կրում էի միայն հանուն հնազանդության, իսկ ինձ Օսկար Բրոնսկի կոչել ընդհանրապես կարող էի շատ հազվադեպ։ Այդ իսկ պատճառով ինձ համար ամենևին էլ դժվար չէր այդ պառկած գերերիտասարդ մարդուն, ես նրան կտայի երեսուն, սակայն պարզվեց, որ նա նույնիսկ ավելի երիտասարդ է, առանց այլևայլության ուղղակի Կլեփ անվանելը։ Իսկ նա ինձ Օսկար էր անվանում, որովհետև «Կոլյայչեկ» բառը նրանից չափից դուրս մեծ ճիգեր էր պահանջում։

Մենք սկսեցինք զրուցել, սակայն սկզբնական շրջանում ձգտում էինք միայն անբռնազբոսիկություն պատկերել։ Շատախոսելով՝ անդրադարձանք ամենապարզագույն թեմաներին։ Այսպես, ես, օրինակ, ցանկացա իմանալ, թե արդյոք նա մեր ճակատագրերը համարո՞ւմ է անխուսափելի։ Նա այն անխուսափելի էր համարում։ Այնուհետև Օսկարը հետաքրքրվեց, համարո՞ւմ է, արդյոք, Կլեփը, որ բոլոր մարդիկ պետք է մահանան։ Պարզվեց, որ բոլոր մարդկանց վերջնական մահը ևս կասկածներ չէր հարուցում նրա մոտ, սակայն նա համոզված չէր, որ բոլոր մարդիկ պետք է ծնված լինեին, իր մասին խոսում էր որպես «ծնունդի պատահականությունների», և Օսկարը կրկին զգաց նրա հետ իր հոգեհարազատությունը։ Ճիշտ նույն կերպ էինք երկուսս հավատում Երկինքներին, սակայն նա այդ բառն արտասանում էր կեղտոտ, զրնգուն, թեթև ծիծաղի հետ մեկտեղ և վերմակի տակ քորվում էր․ տեղին էր մտածել, որ արդեն կյանքի օրորք պարոն Կլեփը զանազան անպարկեշտություններ էր ծրագրել, որոնք մտադիր էր իրականացնել երկինքներում։ Երբ խոսքը դարձավ քաղաքականությանը՝ նա շատ բորբոքվեց, ինձ թվարկեց Գերմանիայում երեք հարյուրից ավելի իշխանական տներ, որոնց պատրաստ էր առանց տեղից շարժվելու վերադարձնել իշխանական արժանապատվությունը, գահ և իշխանություն շնորհել։ Նա պատրաստվում էր Հաննովերի շրջակա տեղանքը տալ բրիտանական գահին։ Երբ ես հարցրեցի, թե ի՞նչ ճակատագիր է նախատեսված Դանդիգ ազատ քաղաքի համար, նա, ցավոք սրտի, չգիտեր, թե որտեղ է գտնվում այդ քաղաքը, սակայն դրանից ամենևին էլ անհարմար չզգալով, իրեն անծանոթ այդ տեղանքի համար, որպես իշխան, առաջարկեց, ավաղ, ոմն կոմս Բերգսկու, որը եթե Կլեփի խոսքերին հավատանք, ծնունդով ուղիղ գծով Յան Վելլեմից էր սերել։ Եվ, ի վերջո, մենք ձգտում էինք հենց ճշգրիտ սահմանում տալ «ճշմարտություն» հասկացությանը և դրանում նույնիսկ ահագին հաջողության էինք հասել՝ շնորհիվ արհեստավարժորեն տրված լրացուցիչ հարցերի, ես պարզեցի, որ պարոն Կլեփն արդեն երեք տարի է, ինչ իր սենյակի համար վճարում է Ցայդլերին։ Մենք երկուսս էլ ափսոսանք հայտնեցինք, որ ավելի շուտ չէինք ծանոթացել։ Ես ամեն ինչում մեղադրեցի Ոզնուն, որը ինձ չէր պատմել անկողնում գամվածի մասին, ինչպես որ նա չէր կռահել բուժքրոջ մասին տեղեկացնել ավելին, քան ահա այդպիսի հյուծված դիտողությունը։

Օսկարը չէր ցանկանում հենց այդպես միանգամից Մյունցերի, նույն ինքը՝ Կլեփի վրա թափել իր խնդիրները։ Այդ իսկ պատճառով ես նրան բուժքրոջ մասին հարց ու փորձ չարեցի, այլ սկզբում հայտնեցի նրա առողջական վիճակի վերաբերյալ իմ մտահոգությունը․

― Ի դեպ, առողջության մասին, ― խոսք գցեցի ես, ― դուք ինչ է, ձեզ վա՞տ եք զգում։

Կլեփը երկրորդ անգամ իրանի վերին մասը փոքր֊ինչ վեր բարձրացրեց, սակայն համոզվելով, որ միևնույն է, իրեն չի հաջողվի ուղիղ անկյուն պատկերել, կրկին փլվեց անկողնու վրա և, արդեն պառկած, ինձ տեղեկացրեց, թե իբր, ճիշտն ասած, նա նրա համար է պառկել, որպեսզի կարողանա պատկերացում կազմել, թե ինչպես է իրեն զգում լա՞վ, միջա՞կ, թե՞ վատ և հույս ունի մի քանի շաբաթվա ընթացքում պարզել, որ զգում է իրեն միջակ։

Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչից ես վախենում էի և ինչից հույս ունեի խուսափել երկար ու խճճված խոսակցության օգնությամբ։

― Իմ թանկագին, ինձ հետ մի քիչ սպագետտի կերեք։

Եվ մենք ուտում էինք իմ կողմից բերված թարմ ջրով եփված սպագետտին։ Ես չհամարձակվեցի նրանից խնդրել կպչուն կաթսան, որպեսզի այն լվացարանի մեջ հիմնավորապես մաքրեի։ Կողքի վրա շրջվելով Կլեփը եփում էր լուռ, լուսնոտի վստահ շարժումներով։ Ջուրը նա զգուշությամբ դատարկեց պահածոյի մեծ բանկայի մեջ, ինչից հետո, իր դիրքը շատ թե քիչ նկատելի չփոխելով, ձեռքը մտցրեց մահճակալի տակ, այնտեղից որսաց յուղոտ տոմատի մածուկի չորացած հետքերով պատված ափսեն, մի ինչ֊որ ակնթարթ մնաց անշարժ վիճակում, ձեռքը կրկին մահճակալի տակ մտցրեց, այնտեղից Աստծո լույս աշխարհ հանեց թերթի ճմռթված թուղթը, ափսեն թղթով սրբեց, թուղթը կրկին ձեռքից գցեց մահճակալի տակ, արտաշնչեց ափսեի կեղտոտ հատակի վրա, կարծես ցանկանալով վրայից վերջին փոշեհատիկը փչել, ձեռքի գրեթե նրբագեղ շարժումով ինձ մեկնեց բոլոր հնարավոր ափսեներից անենահարթը և առաջարկեց առանց ձևականությունների հարձակվել կերակուրի վրա։

Ես կնախընտրեի ուտել նրանից հետո, ես նրան կոչ արեցի առաջինը լինել։ Ինձ ապահովելով զզվելի սպասքով, որը կպչում էր ձեռքերիս, նա կաթսայի միջից շերեփի ու պատառաքաղի օգնությամբ որսաց սպագետտիի զգալի մասը, նրբաճաշակ շարժումով մակարոնների խճճվածքի վրա նախշեր նկարելով, բարակ երշիկի նմանվող տոմատի մածուկ ճզմեց, բանկայի միջից զգալի չափով պրովանսյան յուղ ավելացրեց, այդ նույն արարողությունները կատարեց նաև իր կաթսայի վերևում, երկու չափաբաժինների վրա էլ պղպեղ ցանեց, իրենը խառնեց և հայացքով ինձ առաջարկեց նույն կերպ վարվել նաև իմ սպագետիիի հետ։

― Ախ, թանկագինս, մի մեղադրեք, խնդրում եմ, որ ես քերված իտալական պանիր չունեմ։ Այնուամենայնիվ, բարի ախորժակ եմ ցանկանում։

Մինչ օրս էլ Օսկարը չի կարողանում հասկանալ, թե ինչպես նա այն ժամանակ համարձակվեց օգտվել դանակից ու պատառաքաղից։ Տարօրինակ ձևով կերակուրն ինձ դուր եկավ։ Ավելին, կլեփյան սպագետտին ինձ համար դարձավ խոհարարական չափորոշիչ, որը ես այդ ժամանակվանից կիրառում էի ինձ առաջարկվող յուրաքանչյուր ճաշատեսակի հանդեպ։

Ուտելու ընթացքում ես կարողացա մանրազնին ուսումնասիրել անկողնային հիվանդի սենյակը։ Գրավիչը գրեթե հենց առաստաղի տակ գտնվող ծխնելույզի համար կլոր, չփակված անցքն էր, որի սև շնչառությունը հասնում էր պատից։ Երկու պատուհաններից այն կողմ, փողոցում, քամի էր փչում։ Համենայն դեպս, թվում էր, թե կարծես հենց քամու պոռտքումներն էին ժամանակ առ ժամանակ անցքի միջից մրի ամպեր ներս մղում Կլեփի սենյակ, և մուրը, թաղում խորհրդանշելով, հավասարաչափ նստում է կահույքի վրա։ Սակայն քանի որ ողջ կահույքը բաղկացած էր միայն սենյակի մեջտեղում դրված մահճակալից և մեկ էլ՝ փաթեթավորման թղթով ծածկված ու խողովակի նմամն փաթաթված ակնհայտորեն ցայդլերյան ծագումով գորգերից, ես վստահաբար կարող էի ասել՝ Կլեփի սենյակում մի ժամանակ սպիտակ գույնի անկողնուց, Կլեփի տակի բարձից ու սրբչից, որով անկողնային հիվանդը ծածկում էր իր դեմքը, երբ քամու պոռթկումը սենյակ էր վռնդում մրի ամպերը, առավել սև ոչինչ չկար։ Սենյակի երկու պատուհանները ոչնչով չէին տարբերվում ցայդլերյան հյուրասենյակի՝ նույն ինքը ննջասենյակի պատուհաններից, որոնք դուրս էին գալիս Յուլիխերշտրասեի կամ, առավել ստույգ ասած, այն շագանակենու կանաչամոխրագույն զգեստավորման վրա, որն աճում էր տան դիմաց։ Միակ զարդարանքը պատուհանների միջև կախված, կոճգամներով կպցրած, Ելիզավետա անգլուհու դիմանկարն էր, որը, պետք է ենթադրել, որ ինչ֊որ մի նկարազարդ ամսագրի միջից էր հանված։ Նկարի տակ կեռիկից կախված էր պարկապզուկը, ընդ որում, նրա հյուսվածքի շոտլանդական նախշը, չնայած դժվարությամբ, վրան նստած մրի շերտի տակից հնարավոր էր զանազանել։

Մինչ ես ուսումնասիրում էի գունավոր լուսանկարը, ընդ որում, ավելի քիչ էի մտածում Ելիզավետայի ու նրա Ֆիլիպի մասին, քան և շատ ավելի քույր Դորոթեայի, որը կանգնել էր Օսկարի ու բժիշկ Վերների միջև և, հնարավոր է, որ ապրում էր հուսահատության մեջ, Կլեփն ինձ բացատրեց, որ ինքը բրիտանական թագավորական տոհմի հավատարիմ ու կրքոտ երկրպագուն է համարվում և այդ իսկ պատճառով ժամանակին բրիտանական օկուպացիոն բանակի շոտլանդական գնդի փողային նվագախմբի երաժիշտների մոտ պարկապզուկ նվագելու դադընթացներ է անցել՝ նամանավանդ, որ Ելիզավետյան այդ գնդի հրամանատարն էր․ ինքը՝ Կլեփը, խրոնիկայում տեսել է, թե ինչպես է շոտլանդական կարճ շրջազգեստով և ոտքից գլուխ վանդակավոր հագուստներով Եղիսաբեթը անցկանցնում իր գնդի զորահանդեսը։

Տարօրինակ կերպով իմ մեջ հանկարծ փոթորկվեց իմ կաթոլիցիզմը։ Ես կասկածեցի, որ Ելիզավետան ընդհանրապես ինչ֊որ բան է հասկանում պարկապզուկ նվագելուց, մի քանի դիտարկումներ արեցի Մարիա Ստյուարտի սարսափելի վախճանի կապակցությամբ, այլ խոսքերով, Օսկարը Կլեփին հասկացնել տվեց, որ Եղիսաբեթին ոչ երաժշտական անձնավորություն է համարում։

Անկեղծ ասած ես սպաում էի, որ միապետականի կողմից կհետևի վրդովմունքի պայթյունը։ Ոչ մի նման բան, միապետականը միայն տեղեկացվածի ժպիտով ժպտաց և ինձանից բացատրություններ խնդրեց, որոնց հիման վրա ինքը կկարողանա եզրակացնել, թե ունա՞կ եմ արդյոք ես, փոքրիկ մարդս, այդ գիրուկն ինձ այդպես անվանեց, ընդհանրապես գործիմացությամբ դատել երաժշտության մասին։

Օսկարը երկա՜ր֊երկա՜ր, սևեռուն նայում էր Կլեփին։ Վերջինս դիմեց ինձ նույնիսկ չկռահելով, թե հատկապես ինչ կոչ է ինքը անում։ Ես ոտքից մինչև կուզ խոցվեցի։ Դա կարծես ահեղ դատաստանի օրն էր հանդեպ իմ բոլոր թմբուկների՝ հների, կոտրվածների, շարքից դուրս եկածների։ Հարազատ թմբուկներ, որոնք ես նետել էի աղբանոց, և միակ թմբուկս, որը թաղված էր Զասպեի գերեզմանատանը, նրանք բոլորը կանգնեցին ոտքի, ամբողջական ու անվնաս նորից ըմբոստացան, տոնեցին իրենց հարությունը, ձայն տվեցին, գրավեցին ինձ, պոկեցին անկողնու եզրից, ինձ դուրս տարան՝ այն բանից հետո, երբ ես Կլեփին խնդրեցի ինձ ներել և մեկ րոպե սպասել՝ սենյակից, անթափանցիկ ապակուց, դռան մոտով, քույր Դորոթեայի սենյակի մոտով, դռան տակի կիսթաքցված նամակի քառանկյունին դեռևս երևում էր միջանցքի հատակին, ինձ մտցրեցին իմ սենյակ, ստիպեցին ինձ ընդառաջ գնալ թմբուկին, որը նկարիչ Ռասկոլնիկովն էր նվիրել, երբ «Մադոննա֊49»֊նն էր նկարում, և ես ձեռքս վերցրի թմբուկս, թիթեղն ու զույգ փայտիկները ձեռքերիս մեջ շրջեցի կամ շրջեցին ինձ, լքեցի իմ սենյակը, սլացա անիծյալ դռան կողքով, կարծես երկարատև թափառումներից հետո, ներս մտա Կլեփի մակարոնեղենի թագավորություն, նստեցի անկողնու եզրին, լաքապատ սպիտակակրմիր թիթեղը հարմարեցրի, հնարավոր է, որ շփոթվածություն զգալով՝ օդի մեջ փայտիկները մի քիչ շարժեցի, զարմացած Կլեփի կողքով նայեցի ինչ֊որ տեղ, փայտիկներից մեկով, կարծես պատահաբար, դիպա թմբուկին, ախ, թիթեղը պատասխան տվեց Օսկարին, և Օսկարն առաջինի ետևից ուղարկեց երկրորդ փայտիկը, և ես սկսեցի թմբկահարել լամպերի միջև, թմբկահարեցի աստիճանը և նկուղն իր տասնինը աստիճաններով, երբ ես նշում էի իմ երրորդ՝ լեգենդար ծննդյան տարեդարձը։ Պեստալոցցիի դպրոցի դասացուցակը երկայնքով ու լայնքով թմբկահարեցի, թմբուկիս հետ բարձրացա Հարկաշարքով աշտարակի վրա, թմբուկի հետ նստեցի քաղաքական ամբիոնների տակ, թմբկահարեցի օձաձկներին ու ճայերին, Չարչարանաց ուրբաթին գորգերի թափ տալը, թմկահարելով նստեցի իմ խեղճ մայրիկի ոտքերի մասում նեղացող դագաղի մոտ, այնուհետև որպես թեմա ընտրեցի Հերբերթ Տրուչինսկու սպիներով պատված թիկունքը, իսկ Հևելիուսպլացի Լեհական փոստատան պաշտպանությունը թմբկահարելիս, ես որոշակի շարժում նկատեցի այն մահճակալի գլխամասերում, որի վրա նստած էի, աչքի տակով տեսա ուղղվող Կլեփին, որը բարձի տակից ծիծաղելի փայտե ֆլեյտա հանեց, այն մոտեցրեց շուրթերին և այն աստիճան քաղցր ու անբնական ձայներ արձակեց, այն աստիճան իմ թմբուկին համապատասխանող, որ ես կարող էի նրան տանել առաջ, դեպի Զասպեի գերեզմանատուն, Խենթուկ Լեոյի մոտ, որ ես, երբ Լեոն իր բաժին պարը ավարտեց նրա դիմաց, նրա հետ և նրա համար թույլ տվեցի, որ իմ առաջին սիրո թշշացող փոշին փրփրակալի․ ես նրան նույնիսկ Լինա Գրեֆի ջունգլին մտցրեցի․ ես նույնիսկ թույլ տվեցի, որ պտտվի մեծ, յոթանասունհինգ կիլոգրամի համար նախատեսված բանջարեղեն վաճառող Գրեֆի թմբուկային մեքենան։ Ես Կլեփին ինձ հետ տարա Բեբրայի ռազմաճակատային թատրոն, թողեցի, որ Հիսուսը իմ թմբուկի վրա բարձր ձայնով հնչեցնի, Շտյորտեբեկերին և բոլոր սրբողներին ցատկահարթակի վրայից ցած վռնդեցի, իսկ ներքևում նստած էր Լյուցիան, հենց ես մրջյուններին ու ռուսներին թույլ տվեցի գրավել իմ թմբուկը, սակայն Կլեփին երկրորդ անգամ չտարա Զասպեի գերեզմանատուն, որտեղ Մացերատի ետևից գցել էի իմ թմբուկը, իսկ դրա փոխարեն թմբկահարեցի իմ մեծ, ավարտ չունեցող թեման, կաշուբյան կարտոֆիլի դաշտերը։ Նրանց վերևում հոկտեմբերյան անձրևն է, և իմ տատիկը նստած է իր չորս շրջազգեստներով։ Օսկարի սիրտը սպառնում էր դառնալ քար, երբ ես լսեցի, թե ինչպես է Կլեփի ֆլեյտայի միջից մաղվում հոկտեմբերյան անձրևը, ինչպես Կլեփի ֆլեյտան անձրևի ու չորս շրջազգեստերի տակ փնտրեց և գտավ իմ պապիկ֊հրձիգ Յոզեֆ Կոլյայչեկին, ինչպես հենց այդ նույն ֆլեյտան տոնեց ու հաստատեց իմ խեղճ մայրիկի բեղնավորումը։

Ժամեր շարունակ մենք նվագեցինք։ Բավականաչափ զանազանակերպումներ նվիրելով լաստերի վրայով իմ պապիկի փախուստին, մենք, թեթևակի հոգնած, սակայն երջանիկ, մեր համերգը ավարտեցինք հիմնի տեսքով մահացած հրձիգի հրաշագործ փրկության հնարավորության մասին ակնարկի կատարումով։

Վերջին հնչյունի հետ, դեռևս ֆլեյտաից չկտրված, Կլեփը վեր ցատկեց իր ճմռթված անկողնուց։ Դիակային հոտերը հետևեցին նրան։ Նա էլ հենց լայն բացեց պատուհանները, թերթի թղթով փակեց ծխնելույզը, պատառ֊պատառ արեց Եղիսաբեթ անգլուհու գունավոր դիմանկարը, հռչակեց միապետության դարաշրջանի ավարտը, ծորակի ջուրը բաց թողեց լվացարանի մեջ, լվացվեց՝ նա լվացվեց, Կլեփը սկսեց լվացվել, նա որոշեց ամենը մաքրել, դա արդեն լվացվել չէր, դա լվացում էր, և երբ լվացված, շիթից կտրված և գեր, կաթիլներով պատված, մերկ, գրեթե պայթելով, ամենագարշելի թեքությամբ կախված անդամով նա հայտնվեց իմ առջև, իմ կողքին, բարձրացրեց երկարացրած ձեռքերի վրա, քանզի Օսկարը փոքր կշիռ ունի, երբ նրա միջից դուրս պրծավ ծիծաղը, գնաց դեպի ելքը և թռավ դեպի առաստաղը, միայն այդ ժամանակ ես հասկացա, որ ոչ միայն Օսկարի թմբուկը հարություն առավ, որ Կլեփին ևս կարելի է վերածնված համարել, և մենք միմյանց շնորհավորեցինք և համբուրեցինք միմյանց այտերը։ Դեռ հենց այդ օրը՝ երեկոյան մոտ, մենք դուրս եկանք, գարեջուր խմեցինք, սոխով արյունոտ երշիկ կերանք, Կլեփն ինձ առաջարկեց իր հետ մեկտեղ ջազային երաժշտախումբ հիմնադրել։

Ճիշտ է, ես ժամանակ խնդրեցի մտածելու համար, սակայն Օսկարն արդեն որոշում էր ընդունել ոչ միայն թողնել քարհատ Քորնեֆի մոտի իր գրանիտագործի աշխատանքը, այլև մուսա Ուլլայի հետ բնորդի աշխատանքը և դառնալ ջազային խմբի հարվածային գործիքներ նվագող։


Կոկոսե գորգի վրա

Օսկարը այդպես արարեց Կլեփի համար անկողնուց վեր կենալու պատճառը։ Եվ չնայած վերջինս լիակատար խանդավառությամբ դուրս թռավ իր ոչ թարմ սավանների միջից, նույնիսկ առնչվեց ջրի հետ՝ մի խոսքով, դարձավ այն մարդը, որն ասում է․ «Հոպ֊լա֊լա» և «Մեզ համար ոչինչ փուչ չէ»՝ այսօր, երբ անկողնային հիվանդին Օսկար են անվանում, ես համարձակվում եմ հաստատել՝ Կլեփը ուզում է վերադարձնել պարտքերը, ուզում է ինձ նողկանք ներշնչել հատուկ բժշկական հաստատության երկաթյա մահճակալի հանդեպ՝ այն պատճառով, որ ես նրան նողկանք ներշնչեցի նրա մակարոնի խոհանոցի, մահճակալի հանդեպ։ Շաբաթական մեկ անգամ ես պետք է հաշտվեմ նրա այցելությունների հետ, պարտավոր եմ լսել նրա ջազային լավատեսական երկարաշունչ մենախոսությունները, նրա երաժշտակոմունիստական հռչակագրերը, քանզի նա, ով անկողնային հիվանդի կարգավիճակում եղել է միապետության հավատարիմ կողմնակիցը և հոգով եփվել, կպել է բրիտանական թագավորական տանը, հենց որ ես նրանից խլեցի մահճակալը և պարկապզուկով Եկատերինային, դարձավ ԳԿԿ֊ի ակտիվ անդամ, ինչից չի բուժվել մինչ օրս, ինչպես իր յուրատեսակ արգելված հոբբիից, որին տրվում է, երբ գարեջուր է խմում, երշիկ է խժռում և վաճառասեղանի մոտ շշով խմիչքները զննող անմեղ տղամարդկանց բացատրում է ջազ֊բենդի ծանրաբեռնված աշխատանքի և խորհրդային կոլխոզի միջև երջանիկ համընկնումները։

Վախեցած երազկոտի համար այսօր քիչ հնարավորություններ գոյություն ունեն։ Ճզմված մահճակալից օտարված Կլեփը կարող էր մտնել կուսակցության մեջ՝ նույնիսկ արգելված, ինչը մեծացնում էր գայթակղությունը, իսկ երկրորդ կրոնը, մեկը նրանցից, որը նրան պատկերանում էր ընտրության համար, կոչվում էր ջազ։ Դե և երրրորդ, նա՝ կնքված բողոքականը, կարող էր փոխել հավատը և դառնալ կաթոլիկ։

Մի բանը Կլեփից խլել հնարավոր չէ՝ նա իր համար բաց էր թողել դեպի բոլոր դավանանքները տանող բոլոր ճանապարհները։ Զգուշությունը, մութ ու փայլուն մարմինը, նրա հումորը, որն ծնվում էր ծափահարություններով, նրան հուշում էին այն բաղադրատոմսը, որի գյուղացիական ձևով, խորամանկ կանոնների համաձայն Մարքսի տեսությունը պետք է լավ խառնել ջազի առասպելի հետ։ Եվ եթե ինչ֊որ ժամանակ նրա ձեռքի տակ ընկներ ձախ հայացքների տեր «բանվորական արվարձանների կաթոլիկ վանական» տիպի մի վանական և, դրան ավելացրած, վանականի տնօրինման տակ գտնվի դիքսիլենդների մի ամբողջ հնչյունակազմությունը, այդ նույն օրվանից մեր մարքսիստը, որի ջազը փոխարինում է մաստակին, կիրակի օրերին կսկսի հաղորդվել Սուրբ Գաղտնիքներին և իր մարմնի՝ վերը նկարագրված հոտը կխառնի նորգոթիկական տաճարի գոլորշիացումներին։

Եթե այժմ ինձ հետ կատարվում է այն նույն բանը ինչ կատարվել է նրա հետ, դրա պատճառը իմ անկողինն է, որից այդ տղան ուզում է ինձ դուրս հանել իր խոստումների կենդանի ջերմությքմբ։ Նա մի դիմումը մյուսի ետևից է ուղարկում, նա աշխատում է իմ փաստաբանի հետ ձեռք ձեռքի տված, նա պնդում է գործի վերանայման վրա, նա Օսկարի համար արդարացման դատավճիռ է ցանկանում, նա Օսկարի համար ցանկանում է ազատություն՝ պետք չէ մեր Օսկարին տանջել հատուկ հաստատությունում, և այս ամենը միայն այն պատճառով, որ Կլեփն ուզում է ինձ զրկել իմ մահճակալից։

Բայցևայնպես ես ամենևին չեմ ափսոսում, որ Ցայդլերի մոտ սենյակ վարձակալելով՝ պառկած ընկերոջս վերածեցի կանգնած ընկերոջ և ոչ թե ուղղակի կանգնածի, այլ երբեմն վազողի ու դոփողի։ Եթե շեղվենք այն հոգնեցուցիչ ժամերից, որոնք ես, մտքերիս ծանրությունից ճնշված, նվիրում եմ քույր Դորոթեային, ինձ համար անամպ անձնական կյանք էր սկսվել։

― Հելլո, Կլեփ, ― խփում էի նրա ուսին։ ― Եկ ջազ֊բենդ կազմակերպենք։

Եվ նա քնքշորեն շոյեց իմ կուզը, որը գրեթե նույնչափ շատ սիրեց, որչափ իր փորը։

― Մենք Օսկարի հետ ջազ֊բենդ ենք կազմակերպում, ― տեղեկացրեց Կլեփը քաղաքին ու աշխարհին։ Եթե մեզ էլի ինչ֊որ բան է պակասում, ապա դա լավ կիթառահարն է, որը նաև կարող է բանջոյից գլուխ հանել։

Եվ իսկապես էլ թմբուկի ու ֆլեյտայի համար ևս մեկ գործիք է պահանջվում, որը վարում է մեղեդին։ Կոնտրաբասը անենևին էլ վատ չէր լինի, նույնիսկ տեսողական առումով, սակայն պիտանի կոնտրաբասահար գտնելը նույնիսկ դեռ այն ժամանակ չափից դուրս դժվար էր, այդ իսկ պատճառով մենք սկսեցինք եռանդուն փնտրել մեզ պակասող կիթառահարին։ Ինչպես արդեն պատմել եմ սկզբում, մենք հաճախ կինո էինք գնում, շաբաթական երկու անգամ լուսանկարվում էինք և պատրաստի լուսանկարի հետ ամեն տեսակի հիմարություններ էինք կատարում գարեջրի ու սոխով արյունոտ երշիկի ուղեկցությամբ։ Այն ժամանակ Կլեփը ծանոթացավ Իլզայի հետ, թեթևամտության պատճառով նրան նվիրեց իր լուսանկարը և գոնե միայն այդ մեկ պատճառով պարտավոր էր նրա հետ ամուսնանալ, միայն կիթառահարի մենք այդպես էլ չգտանք։

Չնայած հին քաղաքը իր ուռուցիկ ապակիներով, պանրի վրայի մանանեխով, գարեջրի հոտով ու այլ հարավհռենյան հնարաբանություններով ինձ շատ թե քիչ լավ ծանոթ էր Գեղարվեստների ակադեմիայի շնորհիվ, որտեղ ես բնորդ էի աշխատում՝ Դյուսելդորֆը ես իրապես ճանաչեցի միայն Կլեփի կողքին։ Մենք կիթառահար էինք փնտրում Լամբերտի եկեղեցու մոտակայքում, բոլոր գարեջրատներում և, հատկապես, Ռատինգերշտրասեի վրա,, «Միաեղջույրում», որովհետև այնտեղ պարերի ժամանակ Բոբբին էր նվագում, նա երբեմն մեզ թույլ էր տալիս ելույթ ունենալ ֆլեյտայով ու թմբուկով, գովում էր իմ թիթեղը չնայած ինքն էլ գերազանց հարվածային էր, միայն թե նրա աջ ձեռքի մի մատը պակասում էր։

Եվ, չնայած մենք «Միաեղջույրում» կիթառահարի չհանդիպեցինք, ես որոշ չափով փորձ ձեռք բերեցի և, բացի դա, ռազմաճակատային թատրոնի ժամանակներից էլի որոշ հմտություն էի պահպանել և տեսանելի ապագայում կարող էի ոչ վատ հարվածային դառնալ, եթե քույր Դորոթեան ժամանակ առ ժամանակ իմ ելույթները չձախողեր։

Իմ մտքերի առնվազն կեսը անփոփոխ լինում էր նրա հետ։ Դրա հետ դեռ կարելի էր ինչ֊որ կերպ հաշտվել, մնացող մյուս կեսը սկզբից մինչև վերջ իմ թմբուկի կողքին էր։ Իրականում ստացվում էր այնպես, որ մտքերը, սկսվելով թմբուկից, ավարտվում էին կարմիր խաչով բրոշի մոտ։ Կլեփը, որն իմ թերությունները կարողանում էր վարպետորեն քողարկել իր ֆլեյտայով, ամեն անգամ սաստիկ վշտանում էր, երբ Օսկարը կիսով չափ հեռանում էր իր մտքերի մեջ։

― Միգուցե, դու ուտել ես ուզում։ Քեզ համար արյունոտ երշիկ պատվիրեմ։

Այս աշխարհի բոլոր տառապանքների ետևում Կլեփը գազանային սովածություն էր տեսնում և այդ իսկ պատճառով էլ վստահ էր, որ դրանցից յուրաքանչյուրը կարելի է բժշկել արյունոտ երշիկի մի լավ չափաբաժնով։ Այդ ժամանակներում Օսկարը չափից դուրս քանակով կտրտված սոխով թարմ արյունոտ երշիկ էր կլանում և այդ ամենի վրայից գարեջուր էր խմում, որպեսզի իր ընկեր Կլեփը կարծեր, թե իբր Օսկարի տառապանքը սով, այլ ոչ թե քույր Դորոթեա է կոչվում։

Մեծ մասամբ մենք Յուլիխերշտրասե փողոցի Ցայդլերի բնակարանը վաղ էինք լքում և նախաճաշում էինք Հին քաղաքում։ Իսկ Ակադեմիան ես այցի էի գնում միայն երբ մեզ կինոյի համար փող էր հարկավոր։ Այդ ընթացքում մուսա Ուլլան հասցրեց ոչ այն է երրորդ, ոչ այն է չորրորդ անգամ նշանվել նկարիչ Լանքեսի հետ և, հետևաբար, անմատչելի էր, քանզի Լանքեսը սկսեց ստանալ իր առաջին մեծ արդյունաբերական պատվերները։ Սակայն առանց Ուլլայի կեցվածք ընդունելը Օսկարին ոչ մի հաճույք չէր պատճառում՝ նրան կրկին այլանդակում էին, ամենասարսափելի ձևով սևացնում էին, և այդ իսկ պատճառով ես ինձ ամբողջապես նվիրեցի իմ Կլեփ ընկերոջը, քանզի փոքրիկ Կուրտի հետ, Մարիայի մոտ, ես հանգիստ չէի գտնում, ամեն երեկո այնտեղ էր գտնվում Շտենցել անունով նրա ամուսնացած շեֆն ու երկրպագուն։

Երբ մի անգամ վաղ աշնանը մենք երկուսս դուրս եկանք մեր սենյակներից, որպեսզի մոտավորապես անթափանցիկ ապակու դռան հարթության վրա հանդիպենք միջանցքում ու այնուհետև գործիքներով դուրս գանք տնից, Ցայդլերը, փոքր֊ինչ բացելով իր հյուրասենյակի, ասել է թե՝ ննջարանի դուռը, մեզ ձայն տվեց։ Նա մեզ վրա հրեց նեղ, սակայն հաստ գորգի փաթույթը և պահանջեց, որպեսզի մենք օգնենք տեղավորել, իսկ հետո նաև ամրացնել գորգը։ Պարզվեց, որ դա ութ մետր քսան սանտիմետր երկարությամբ կոկոսե ուղեգորգ է։ Սակայն, քանի որ Ցայդլերի միջանցքը ընդամենը յոթ մետր քառասունհինգ սանտիմետր երկարություն ուներ, մենք՝ Կլեփն ու ես, ստիպված էինք կտրել ավելորդ յոթանասունհինգ սանտիմետրը։ Մենք դա անում էինք նստած, որովհետև պարզվեց, որ կտրելը չափից դուրս ծանր աշխատանք է։ Իսկ արդյունքում ուղեգորգը պահանջվածից երկու սանտիմետրով կարճ ստացվեց։ Սակայն քանի որ նրա լայնությունը ճշտորեն համապատասխանում էր միջանցքի լայնությանը, Ցայդլերը խնդրեց մեզ, քանզի իր համար իբր դժվար է կռանալը, միացյալ ուժերով գորգը մեխել հատակին։ Հենց Օսկարի մեջ ծագեց մեխելով այն մի քիչ ձգելու միտքը։ Եվ այդ ձևով մեզ հաջողվեց գրեթե ամբողջությամբ լրացնել պակասող երկու սանտիմետրեը։ Ո՛չ Օսկարը, ո՛չ Կլեփը իրենց մատներին չհարվածեցին, չնայած որ մի քանի մեխ ծռեցին, սակայն դա կախված էր Ցայդլերի պահուստային, այսինքն դեռ ռեֆորմներից առաջավա մեխերի որակից։ Երբ կոկոսե ուղեղորգը, կարելի է ասել, կիսաամուր ձևով ամրացված էր հատակի տախտակներին, մենք նրա վրա խաչաձև դրեցինք մեր մուրճերը և աշխատանքի ընթացքին հետևող Ոզնուն նայեցինք ոչ անպատկառորեն, սակայն սպասողաբար։ Նա իսկապես անհետացավ իր սենյակում, ինչից հետո վերադարձավ իր լիկյորագավաթային պահուստից երեք գավաթների և կրկնակի զտված օղու շշի հետ։ Մենք խմեցինք ուղեգորգի ամրության կենացը, ինչից հետո արտահայտեցինք այն միտքը, և կրկին ոչ թե անպատկառորեն, այլ ավելի շուտ սպասողաբար, որ կոկոսե մանրաթելերը ուժեղացնում են ծարավը։ Հնարավոր է, Ոզնու գավաթները ուրախ էին, որ նրանց մեջ մի քանի անգամ շարունակ օղի լցրեցին՝ նախքան հերթական ընտանեկան պայթյունը իրենց կվերածի բեկորների։ Երբ Կլեփը դիտավորյալ ձեռքից վայր գցեց գավաթը ուղեգորգի վրա, գավաթը ո՛չ կոտրվեց և ո՛չ ձայն հանեց։ Մենք բոլորս փառաբանեցինք կոկոսե ուղեգորգին։ Իսկ ահա, երբ ֆրաու Ցայդլերը, որը սենյակից հետևում էր մեր աշխատանքին մեզանից հետո գովեց ուղեգորգը, որովհետև այն օգնում է, որպեսզի հատակին ընկած գավաթները անվնաս մնան, Ոզնին սարսափելի զայրացավ։ Քաշեց ուղեգորգի դեռ չմեխված մասից, երեք դատարկ գավաթները քաշեց իր կողմը, իր բեռի հետ անհետացավ հյուրասենյակում, նույնն է թե ննջարանում, մենք լսեցինք, թե ինչպես զրնգաց պահարանը, այնտեղից ավելի շատ գավաթներ հանեց, որովհետև երեքը նրան քիչ էր՝ և դրանից անմիջապես հետո Օսկարը ծանր երաժշտություն լսեց․ նրա մտավոր տեսողության առջև հայտնվեց ցայդլերյան սենյակի հոլանդական վառարնը, դրա դիմաց ընկած էին ութ կոտրված գավաթներ։ Իսկ Ցայդլերը կռացավ, հատակից բարձրացրեց թիակն ու ավելը և արդեն Ցայդլերի դերում թիակի վրա ավլեց բեկորները, որոնք արտադրել էր որպես Ոզնի։ Իսկ մինչ նա կնոջ թիկունքում ծնգծնգացնում և զնգզնգացնում էր, անձամբ ֆրաու Ցայդլերը մնաց դռների մեջ կանգնած, հետաքրքրվում էր մեր աշխատանքով՝ նամանավանդ, որ մենք երկուսս, երբ Ոզնին սկսեց մոլեգնել, կրկին ձեռքներս վերցրինք մեր մուրճերը։ Սակայն նա այդպես էլ չվերադարձավ, բայց շիշը թողեց մեզ մոտ։ Սկզբում մենք ֆրաու Ցայդլերից անհարմար էինք զգում, երբ հերթով շշի բերանը մոտեցնում էինք մեր շուրթերին։ Սակայն նա բարեհամբյուր ձևով մեզ գլխով էր անում, ինչը այնուամենայնիվ, ամենևին էլ ևս մի կում առաջարկելու մտքին չէր հանգեցնում նրան։ Բայց մենք աշխատում էինք մաքուր և այդպես, մեխը մեխի ետևից, ամրացրեցինք ողջ ուղեգորգը։ Երբ Օսկարը մեխերը խփում էր քույր Դորոթեայի դռան դիմաց, անթափանցիկ ապակին յուրաքանչյուր հարվածից ղրնգում էր։ Դա ցավագին ձևով անհանգստացնում էր Օսկարին, և մի ինչ֊որ առավել ցավագին պահի նա նույնիսկ մուրճը դրեց մի կողմ։ Սակայն հենց որ քույր Դորոթեայի անթափանցիկ ապակիներով դուռը մնաց ետևում, Օսկարն ու իր մուրճը իրենց շատ ավելի լավ զգացին։ Ինչպես աշխարհում ավարտվում է ամեն բան, այդպես ավարտին մոտեցավ նաև կոկոսե ուղեգորգի ամրացումը։ Մի ծայրից մինչև մյուսը վազում էին լայն գլխիկներով մեխերը, նրանք մինչև վզիկները հեռացել էին հատակի տախտակների մեջ և դժվարությամբ էին գլխիկները պահում կոկոսե մանրաթելերի ջրապտույտի վերևում։ Մենք մեզանից գոհ՝ ետ ու առաջ էինք քայլում միջանցքում, հաճույք էինք ստանում ուղեգորգի երկարությամբ, գովաբանում էինք մեր աշխատանքը, ակնարկում էինք, թե ինչ աստիճան դժվար է սոված փորին, առանց նախաճաշելու կոկոսե ուղեգորգ փռելը և, ի վերջո, մեր ակնարկներով հասանք նրան, որ ֆրաու Ցայդլերը համարձակվեց ոտքը դնել նոր, ես նույնիսկ կասեի կուսական ուղեգորգի վրա, դրա վրայով հասավ մինչև խոհանոց, մեզ սուրճ լցրեց և թավայի մեջ մի քանի ձու կոտրեց։ Մենք ուտում էինք իմ սենյակում, Ցայդլերուհին հեռացավ, նրա աշխատանքի՝ Մանեսմանի մոտ գնալու ժամն էր, մենք սենյակի դուռը չփակեցինք, ծամում էինք ու մի փոքր հոգնած ուսումնասիրում մեր աշխատանքի պտուղները՝ մեզ ընդառաջ վազող ուղեգորգը։

Ինչ իմաստ ուներ էժանագին ուղեգորգի մասին այդքան բառեր ասել՝ չնայած փողային ռեֆորմից առաջ այն, անկասկած, որպես փոխանակման առարկա, որոշակի արժեք ուներ։ Օսկարը լսում է այդ լիովին օրինական հարցը և առաջ ընկնելով տալիս է դրական պատասխանը․ հաջորդ գիշեր ես այդ ուղեգորգի վրա առաջին անգամ հանդիպեցի քույր Դորոթեային։

Ուշ կեսգիշերին մոտ, ես գարեջրով ու երշիկով լցված վերադարձա տուն։ Կլեփին լքեցի հին քաղաքում։ Նա շարունակում էր կիթառահարի որոնումները։ Չնայած ես գտա ցայդլերյան բնակարանի դռների բանալու անցքը, ոտքս դնելով ուղեգորգի վրա՝ գտա նաև ողջ միջանցքը, իսկ դրա մեջ անթափանցիկ, ապակեպատ դռան կողքով դեպի իմ սենյակ տանող ճանապարհը, այնտեղ գտա իմ մահճակաը, սակայն, նախ մի կողմ նետելով հագուստս, դրանից հետո ես էլ ոչ մի տեղ չէի կարողանում գտնել իմ գիշերային հագուստը, լվանալու նպատակով այն տվել էի Մարիային, դրա փոխարեն գտա յոթանասունհինգ սանտիմետր երկարությամբ երիզը, որը կտրել էինք մեծ գորգից, որպեսզի այն կարճացնենք։ Դա գցեցի իմ մահճակալի դիմաց հատակի գորգի փոխարեն։ Անկողնու մեջ ինձ համար տեղ գտա, սակայն նույնիսկ անկողնու մեջ չգտա իմ հագուստը։

Կարիք չկա ձեզ վերապատմել, թե ինչի մասին է մտածում Օսկարը կամ ինչ էր անխորհուրդ պտտում իր գլխի մեջ, որովհետև չէր կարողանում քնել։ Այսօր, ինչպես ինձ թվում է, ես գտել եմ այն ժամանակվա անքնության պատճառը։ Նախքան պառկելը, ես ոտաբոբիկ կանգնեցի մահճակալիս մոտ գցած նոր գորգի վրա, որը կտրված էր մեծ կոկոսե ուղեգորգից։ Կոկոսե մանրաթելերը կպչում էին իմ կրունկներին, նրանք մաշկիս միջով ներթափանցում էին իմ արյան մեջ, և նույնիսկ երբ ես արդեն վաղուց պառկել էի, ճիշտ նույն կերպ շարունակում էի կանգնած մնալ կոկոսային մանրաթելի վրա, այդ իսկ պատճառով էլ քունս չէր տանում, քանզի չկա առավել գրգռող, քունը վախեցնող, մտքերը խթանող բան, քան կոկոսե ուղեգորգի վրա ոտաբոբիկ կանգնելը։ Կեսգիշերից հետո Օսկարը երկար ժամանակ կանգնեց ու պառկեց միաժամանակ գորգի վրա ու մահճակալին՝ մոտավորապես մինչև ժամը երեքը, սակայն այդ ժամանակ ես միջանցքում լսեցի մի դռան ձայն, և ևս մեկ։ Կա֊չկա Կլեփն է տուն վերադառնում, ճիշտ է, առանց կիթառահարի, սակայն ծայրեծայր արյունոտ երշիկով լցված, մտածեցի ես, չնայած հասկանում էի, որ դա ամենևին էլ Կլեփը չէ, որը սկզբում բացեց մի դուռը, իսկ հետո երկրորդը։ Ես մտածեցի նաև, որ, քանի որ դու անիմաստ ընկել ես անկողնու վրա և քո կրունկների վրա զգում ես կոկոսե մանրաթելերը, թերևս, ավելի լավ է դուրս գայիր քո անկողնու միջից և երկու ոտքերով կանգնեիր, ոչ թե մտովի, այլ իրականում, կոկսի գորգի վրա։ Օսկարն այդպես էլ արեց։ Եվ այն իր հետևանքներն ունեցավ։ Հենց որ ես երկու ոտքով կանգնեցի գորգի վրա, այդ յոթանասունհինգ սանտիմետրանոց կտորը կրունկներիս միջով ինձ հիշեցրեց իր ծագման մասին։ Կամ այն պատճառով, որ ես ափսոսացել էի կտրված կտորը, կամ էլ այն պատճառով, որ լսեցի միջանցքի դռների ձայնն ու մտածեցի, թե իբր Կլեփն է վերադարձել, չնայած ինքս իմ մեջ հասկանում էի, որ Կլեփն այստեղ կապ չունի, հենց որ Օսկարը կռացավ, երկու ծայրերից բռնեց կոկոսե մահճակալագորգը, քանի որ անկողին պառկելիս այդպես էլ չգտա իմ գիշերազգեստը, ցցեց ոտքերը, որպեսզի այլևս գորգի վրա չկանգնի, այլ կանգնի հատակին։ Ոտքերի արանքով քաշեց դեպի վեր, յոթանասունհինգ սանտիմետրը պահեց իր մեկ մետր քսանմեկ սանտիմետր հասակով մերկ մարմնի դիմաց, մի խոսքով, արհեստավարժորեն ծածկեց իր մերկությունը, դրա փոխարեն ամրակոսկրերից մինչև ծնկները հայտնվեց կոկոսյան մանրաթելերի ազդեցության տակ։ Եվ այդ զգացումը ավելի ուժեղ դարձավ, երբ Օսկարն իր մանրաթելային հագուստով մութ սենյակից դուրս եկավ մութ միջանցք ու ոտքը դրեց կոկոսե մեծ ուղեգորգի վրա։

Պե՞տք է, արդյոք, զարմանալ, որ ուղեգորգի ճանկռոտման ներքո ես մի քանի շտապողական քայրեր կատարեցի, որպեսզի ազատվեմ դրա ազդեցությունից, որպեսզի փրկվեմ ու սլացա այնտեղ, որտեղ հատակին ոչ մի կոկոսե մանրաթել չկար, սլացա դեպի գուգարան։

Չնայած որ զուգարանում մութ էր, ինչպես միջանցքում և Օսկարի սենյակում, այնտեղ ինչ֊որ մեկը նստած էր։ Ինձ այդ մասին տեղեկացրեց կանացի կարճ ճիչը։ Բացի այդ, իմ կոկոսե կաշին դեմ առավ նստած մարդու ծնկներին։ Իսկ քանի որ զուգարանը ինքնակամ լքելու նվազագույն ցանկություն իսկ չդրսևորեցի, քանզի իմ թիկունքում վտանգավոր ձևով փռված էր կոկոսե ուղեգորգը, այնտեղ նստած անձը ցանկացավ ինձ դուրս հանել։

― Ո՞վ եք դուք, ի՞նչ է ձեզ այստեղ պետք, դուրս եկեք, ― հնչեց ձայնը, որը ոչ մի կերպ չէր կարող պատկանել ֆրաու Ցայդլերին։ Եվ հետո սրտաճմլիկ․

― Ո՞վ եք դուք։

― Իսկ դուք, քույր Դորոթեա, կռահեք, ― թույլ տվեցի ես ինձ կատակել, որպեսզի մեղմացնեմ մեր հանդիպման անհարմարությունը։ Սակայն քույր Դորոթեան չէր ցանկանում կռահել, այլ ոտքի կանգնեց, մթության մեջ ձեռքերը մեկնեց ինձ, ձգտում էր զուգարանից ինձ դուրս հրել դեպի միջանցք, սակայն ձեռքերը չափից դուրս վեր բարձրացրեց, բռնելով իմ գլխավերևի դատարկությունը, ձեռքերը իջեցրեց ավելի ներքև, սակայն բռնեց ոչ թե ինձ, այլ իմ մանրաթելե գոգնոցը, իմ կոկոսե կաշին, կրկին գոռաց, ինչու են կանայք անմիջապես անպայման գոռում, ակնհայտորեն ինձ ինչ֊որ մեկի հետ շփոթեց, սկսեց դողալ, ու շշնջաց․ «Օ, Աստված իմ, սա սատանա է», ինչը իմ մեջ առաջ բերեց կարճատև, սակայն ամենևին էլ ոչ չարախինդ ծիծաղ։ Մինչդեռ նա դա ընկալեց որպես սատանայական քմծիծաղ, իսկ ինձ դուր եկավ «սատանա» բառը, և երբ նա հերթական անգամ, սակայն արդեն բավականին խղճալի հարցրեց․ «Դուք ով եք»․ Օսկարը պատասխանատվությամբ ասաց․

― Ես սատանա եմ, որը եկել է քույր Դորոթեայի մոտ։

Նա դրան ի պատասխան․

― Բայց ինչո՞ւ, ախր, ինչո՞ւ։

Ես՝ դանդաղորեն մտնելով դերի մեջ և ստիպելով, որ իմ մեջ նստած սատանան աշխատի որպես հուշարար, ասացի․

― Որովհետև սատանան սիրում է քույր Դորոթեային։

― Ոչ, ոչ, ես չեմ ուզում, ― դեռ էլի հասցրեց գոռալ նա՝ փորձելով դուրս պրծնել, կրկին դիպավ իմ կոկոսյա հագուստի սատանայական մանրաթելերին՝ նրա հագին ոչ այլ ինչ էր, քան շատ բարակ գիշերային վերնաշապիկ, և տասը մատիկներն էլ խճճվել էին գայթակղիչ ջունգլիների մեջ՝ նրան դարձնելով թույլ ու դյուրամատչելի։ Հասկանալի է, որ հատկապես թեթևակի թուլությունը քույր Դորոթեային ստիպեց խոնարհվել առաջ։ Կոկոսե կաշվով, որը ես իմ մարմնի վրա քիչ վեր էի բարձրացրել, ինձ հաջողվեց բռնել ուժասպառ խոնարհվողին, ինչից հետո ես կարողացա բավականաչափ ժամանակ պահել նրան, որպեսզի ընդունեի սատանայական որոշումը, թույլ տվեցի, որպեսզի նա, փոքր֊ինչ տեղի տալով, խոնարհվի ծնկների վրա, սակայն հետևեցի, որպեսզի նրա ծնկները իջնեն ոչ թե զուգարանի սառը սալիկների, այլ միջանցքի իմ ուղեգորգի վրա, այնուհետև թողեցի, որպեսզի նա սահի ուղեգորգի վրա, գլխով դեպի արևմուտք, այսինքն՝ դեպի Կլեփի սենյակի կողմը ու թիկունքի վրա ողջ հասակով մեկ փռվի։ Իսկ քանի որ նրա թիկունքը առնվազն մեկ մետր վաթսուն սանտիմետր տարածության վրա շփվում էր կոկոսե ուղեգորգի հետ, ես նրան վերևից ծածկեցի նույն այդպիսի մանրաթելային նյութով, միայն թե վերևից իմ տնօրինության տակ կար ընդամենը յոթանասունհինգ սանտիմետր․ ես իմ գորգը կպցրեցի ուղիղ նրա կզակին, սակայն դրանից մյուս ծայրը չափից դուրս ներքև էր ծածկում նրա ազդրը, այսինքն՝ պետք է մոտ տասը սանտիմետրով տեղաշարժել դեպի վեր, փակելով նրա բերանը, սակայն, այնուամենայնիվ, քույր Դորոթեայի քիթը մնում էր ազատ, այնպես որ նա առանց դժվարության կարող էր շնչել, նա նաև ֆսֆսում էր, ընդ որում, բավականին ակտիվ, երբ Օսկարն իր հերթին պառկեց, պառկեց իր նախկին մահճակալամերձ գորգի վրա ու սկսեց այդ բազմամանրաթելային հյուսվածքը ճոճել։ Ընդ որում, քույր Դորոթեայի մարմնի հետ շփում չփնտրելով և, որպես սկիզբ, թույլ տալով որպեսզի կոկոսի մանրաթելերը ներազդեն նրա վրա, նա նույնիսկ սկսեց խոսել քույր Դորոթեայի հետ, որը դեռևս թեթևակի թուլություն էր զգում, թոթովում էր․ «Օ, Աստված իմ, օ, Աստված իմ», և մերթ ընդ մերթ Օսկարին հարցնում էր, թե ինչպես է նրա անունը և ով է նա, ցնցվում էր կոկոսի ուղեգորգի և մահճակալամերձ գորգի միջև, երբ ես ինձ անվանեցի սատանա և իսկը սատանայի նման ֆշշացրեցի և նույնիսկ վճռորոշ բառերի օգնությամբ հայտնեցի, որ ապրում եմ դժոխքում, իսկ ինքս այդ ընթացքում սողում էի գորգի վրա, ստիպելով, որ այն անընդհատ շարժվի, քանզի կոկոսե մանրաթելերը քույր Դորոթեայի մեջ առաջացնում էին այն զգացմունքները, որոնք շատ տարիներ առաջ իմ սիրեցյալ Մարիային ներշնչում էր այն հանրահայտ թշշացող փոշին։ Միայն մեկ տարբերությամբ՝ փոշին ամբողջությամբ ու ամբողջապես և միանգամայն հաջող ձևով ինձ դրդում էր գործողության, այն դեպքում, երբ կոկոսե գորգի վրա ես խայտառակ պարտություն էի կրում։ Ինձ չհաջողվեց խարիսխ գցել։ Այն, ինչը թշշացող փոշու ժամանակներում և դրանից հետո բազմակի անգամ ներկայանում էր ամուր ու նպատակասլաց, այժմ, կոկոսե մանրաթելի նշանի ներքո, թախծոտ կախել էր իր գլուխը մնալով անտարբեր ու խղճուկ, իր առջև չէր տեսնում ոչ մի նպատակակետ, չէր արձագանքում ո՛չ կոչերին, ո՛չ իմ կողմից արված պերճախոս֊ ինտելեկտուալ համոզմունքներին, ո՛չ քույր Դորոթեայի հոգոցներին, որը շշնջում էր, տնքում, ծվծվում։

― Արի սատանա, դե արի։

Դեռ ես էի ստիպված նրան սփոփել ու հանգստացնել։

― Հիմա սատանան կգա, ուր որ է նա կհասնի, ― փնփնթում էի ես դիտավորյալ սատանայական ձայնով, իսկ ինքս, ինքս չէի ընդհատում երկխոսությունը սատանայի հետ, որն իմ կնունքի ժամանակվանից ապրում էր իմ մեջ և ապրում է մինչ օրս, ես բղավեցի նրա վրա․ «Փնթի գործ մի արա, սատանա»։ Ես աղոթում էի․ «Փրկիր ինձ խայտառակությունից»։ Ես շողոքորթում էի․ «Փրկիր ինձ խայտառակությունից»։ Ես շողոքորթում էի․ «Չէ՞ որ դու ամենևին այդպիսին չես, դե գոնե Մարիային հիշիր, կամ, ավելի լավ է Գրեֆի արյուն կամ կատակները, որոնցով զբաղվում էինք փոքրիկ ու նրբագեղ Ռոզվիտա Ռագունայի հետ զվարճախինդ Փարիզ քաղաքում»։ Իսկ նա, փնթփնթալով ու կրկնողություններից չվախենալով, պատասխանատու ձևով հայտարարում էր․ «Իսկ ես ցանկություն չունեմ, Օսկար»։ Սակայն երբ սատանան ցանկություն չունի, հաղթանակ է տանում առաքինությունը։ Վերջ ի վերջո ինչ֊որ ժամանակ սատանան ևս կարող է ցանկություն ունենալ։

Եվ այսպես, նա իր աջակցությունը ինձ մերժեց, իրեն էլի մի քանի նմանատիպ մտքեր թույլ տվեց։ Ես, աստիճանաբար կորցնելով ուժերս, բզկտում ու շփում էի խեղճ քույր Դորոթեայի մաշկը և վերջում՝ նրա կրքոտ «Դե վերջապես, արի, սատանա»֊ին պատասխանեցի հուսահատ ու անիմաստ, քանզի ոչնչով չհիմնավորված, մի անչափ երկար բառով, մտադրվեցի չլիցքավորված ատրճանակով խփել «նպատակակետին»։ Նա, հավանաբար, ուզում էր իր սատանային օժանդակել, զույգ ձեռքերը դուրս հանեց կոկսե գորգի տակից, ցանկացավ ինձ գրկել և նույնիսկ գրկեց, իր ձեռքերի տակ զգաց իմ կուզը, իմ մարդկային ջերմությունը, այլ ոչ թե կոկոսային խորդուբորդ կաշին, չհայտնաբերելով սատանային, որին կոչ էր անում․ «Դե վերջապես արի, սատանա», այլ դրա փոխարեն հազալով կոկորդը մաքրեց և կրկնեց նախկին հարցը, չնայած այժմ արդեն այլ շեշտադրությամբ։

― Աստծո սիրուն, դուք ո՞վ եք և ի՞նչ եք ուզում։

Ես ստիպված էի հանձնվել, խոստովանել, որ ըստ փաստաթղթերի, ինձ Օսկար Մացերատ են անվանում, որ ես նրա հարևանն եմ, որ ես նրան՝ քույր Դորոթեային սիրում եմ քնքշորեն ու կրքոտ։

Եթե որևիցե մեկը չարախնդալով կմտածի, թե իբր քույր Դորոթեան անեծքներ տալով ինձ բռունցի հարվածներով ետ շպրտեց ուղեգորգի վրա, նրան Օսկարը տխուր, սակայն ոչ առանց բավարարվածության կտեղեկացնի, որ քույր Դորոթեան ընդամենը դանդաղ, կարելի է ասել, մտազբաղ ու անվճռականորեն, ձեռքերը ետ քաշեց իմ կուզի վրայից, և դա անսահման տխուր շոյանքի էր նմանվում։ Իսկ նրա անմիջապես սկսված արտասուքն ու հեծկլտոցը իմ լսողությունը նույնպես ընկալեց որպես լիովին զսպված։ Ես չնկատելով բաց թողեցի այն ակնթարթը, երբ նա, դուրս գալով իմ գորգի տակից, հեռացավ ինձանից, թույլ տվեց, որ ես հեռանամ, և ուղեգորգը խլացրեց նույնիսկ միջանցքով նրա քայլելու ձայնը։ Ես լսեցի նաև, թե ինչպես բացեց դուռը, ինչպես կողպեքի մեջ պտտվեց բանալին, և դրանից հետո քույր Դորոթեայի դռան անթափանցիկ ապակու բոլոր վեց փոքրիկ քառակուսիները ներսի կողմից լցվեցին լույսով ու կյանքով։

Օսկարը պառկել էր ծածկվելով գորգով, որը դեռևս պահպանել էր սատանայական խաղի որոշ ջերմությունը։ Իմ աչքերը սևեռվել էին լուսավորված քառակուսիների վրա։ Երբեմն ներսի կողմից ապակու վրայով ստվեր էր սահում։ Այժմ նա մոտենում է զգեստապահարանին, ասացի ես ինձ, այժմ՝ կոմոդին։ Օսկարը զուր շնային փորձ ձեռնարկեց։ Ես իմ գորգի հետ ուղեգորգի վրայով սողալով մոտեցա նրա դռանը, ճանկռոտեցի դուռը, մի փոքր բարձրացա, փնտրող, աղոթող, ձեռքս անցկացրեցի երկու ներքևի քառակուսիների վրայով, սակայն քույր Դորոթեան դուռը չբացեց, նա անհոգնում քայլում էր պահարանի մոտից դեպի հայելիով կոմոդը։

Ես հասկանում էի և ես չէի ուզում ինձ դրանում խոստովանել․ քույր Դորոթեան հավաքում էր իրերը, փախչում էր, փախչում էր ինձանից։ Ես ստիպված էի թողնել նույնիսկ այն երկչոտ հույսը, որ հեռանալիս նա էլեկտրական լույսի տակ ցույց կտա իր դեմքը։ Սկզբում անթափանցիկ ապակու այն կողմում մթնեց, այնուհետև ես լսեցի բանալու պտույտը, դուռը բացվեց, կոշիկներ՝ ուղեգորգի վրա, ես ձգվեցի նրա կողմը, թափով դիպա ճամպրուկին, այնուհետև գուլպայով ոտքին, սակայն այդ պահին նա, այն կոպիտ ճամբորդական կոշիկներից մեկով, որոնք ես տեսել էի նրա պահարանում, հարվածեց իմ կրծքին, ետ շպրտեց ուղեգորգի վրա և, մինչ Օսկարը կրկին շտկվեց ու թոթովեց «քույր Դորոթեա», ելքի դուռն արդեն փակվել էր․ կինը հեռացել էր ինձանից։

Դուք և բոլոր նրանք, ով կհասկանա իմ տանջանքը, թերևս այժմ կասեք․ այս խայտառակ պատմությունից հետո ի՞նչ ես մնացել միջանցքում կանգնած, Օսկար, գնա մտիր անկողին։ Այժմ ժամը չորսն է։ Դու մերկ պառկած ես կոկոսի ուղեգորգի վրա, աղքատիկ ծակծկող գորգով մի կերպ ծածկված, քո ձեռքերի ափերը ու ծնկները պլոկված են, քո սրտից արյուն է կաթում, քո անդամը մրմռում է, քո խայտառակությունն աղաղակում է դեպի երկինք։ Դու արթնացրիր պարոն Ցայդլերին։ Նա արթնացրեց իր կնոջը։ Հիմա նրանք կգան, նրանք լայն կբացեն իրենց հյուրասենյակի, նույնն է թե ննջասենյակի դուռը և կտեսնեն ինձ։ Գնա անկողին, Օսկար, շուտով հինգը կհնչի։

Ճիշտ նույն խորհուրդները ուղեգորգի վրա պառկած՝ ես ինքս էի տալիս ինձ։ Ես մրսել էի ու շարունակում էի պառկած մնալ։ Ես մտովի փորձում էի վերադարձնել քույր Դորոթեայի մարմինը, սակայն կոկոսե մանրաթելերից բացի ուրիշ ոչինչ չզգացի։ Մանրաթելերը նույնիսկ իմ ատամների արանքում էին, հետո Օսկարի վրա լույսի շերտ ընկավ, ցայդլերյան սենյակի դուռը փոքր֊ինչ բացվեց, ոզնու նմանությամբ կտրվածքով Ցայդլերի գլուխը, իսկ նրա վերևում՝ մետաղական վարսափաթաթուկներով գլուխ՝ Ցայդլերուհու գլուխը։ Նրանք աչքերը չռած նայում էին, նա հազում էր, կինը հռհռում, նա ձայն տվեց ինձ, ես չպատասխանեցի, կինը շարունակում էր հռհռալ, նա կնոջը կարգադրեց լռել, կինը ցանկացավ իմանալ, թե ինչ է պատահել ինձ հետ, նա ասաց, որ այդպես չի կարելի, կինը ասաց, որ իրենք պարկեշտ ընտանիք են, նա սպառնաց ինձ վտարել տնից, իսկ ես շարունակում էի լռել, որովհետև սույն բաժակը դեռ չէր լցվել։ Այդ ժամանակ Ցայդլերը լայն բացեց դուռը և միացրեց միջանցքի լույսը։ Նրանք մոտեցան ինձ և նրանք ունեին չար, սաստիկ չար աչքեր, և այս անգամ նա չէր ցանկանում զայրույթը թափել գավաթների վրա, նա կանգնել եր իմ գլխավերևում, և Օսկարը սպասում էր Ցայդլերյան զայրույթին, սակայն Ցայդլերը այդպես էլ չկարողացավ այն թափել, քանի որ աստիճանավանդակի կողմից աղմուկ լսվեց, քանի որ վրիպոզ ձեռքը սկսեց փնտրել բանալու անցքը և ի վերջո գտավ, որովհետև ներս մտավ Կլեփը և ինչ֊որ մեկին բերեց իր հետ, և այդ ինչ֊որ մեկը նույնչափ հարբած էր, ինչպես որ անձամբ Կլեփը․ նա բերեց Շոլլեին, վերջ ի վերջո ճարած կիթառահարին։

Երկուսով հանգստացրեցին Ցայդլերին ու նրա կնոջը, կռացան Օսկարի վրա, հարցեր չտալով՝ ինձ բարձրացրեցին, և սատանայական գորգի հետ մեկտեղ տարան իմ սենյակ, Կլեփը ինձ շփեց կարմրելու աստիճան։ Կիթառահարը բերեց իմ հագուստը։ Երկուսով ինձ հագցրեցին ու չորացրին իմ արտասուքները։ Հեծկլտոց։ Պատուհանից դուրս եկավ լուսաբացը։ Ճնճղուկները։ Կլեփը ինձ վրա կախեց թմբուկը և ցույց տվեց իր փոքրիկ փայտյա ֆլեյտան։ Ճնճղուկներ։ Ընկերներս ինձ շրջապատեցին, շրջապատեցին երկու կողմից, հեծկլտացող կամազուրկ Օսկարին տարան բնակարանից դուրս, Յուլիխերշտրասեից դուրս, դեպի ճնճղուկները, նրան դուրս բերեցին կոկոսյան մանրաթելերի ազդեցության տակից, տարան առավոտյան փողոցների միջով, շեղությամբ Պալատական այգու միջով, դեպի աստղադիտարանը և մինչև գետի ափը, որը Հռենոս է անվանվում, գորշ, դեպի Հոլանդիա ձգվող, նավեր տանող, որոնց վրա փողփողում էր լվացված սպիտակեղենը։

Այդ մառախլապատ առավոտվա վեցից մինչև տասը մենք մնացինք նստած Հռենոս գետի աջ ափին, մենք՝ ֆլեյտահար Կլեփը, կիթառահար Շոլլեն ու թմբկահար Օսկարը, երաժշտություն էինք ստեղծում, կրկին էինք այն նվագում, խմում էինք նույն շշից, մեր աչքերը թարթելով՝ նայում էինք մյուս ափի բարդիներին, երաժշտությամբ ուղեկցում էինք նավերին, որոնք ածխի բեռով Դյուսբուրգից ծանր բարձրանում էին հոսանքին հակառակ, նվագում էինք արագ ու կայտառ կամ դանդաղ ու տխուր Միսիսիպի֊բլյուզը և անվանում էինք փնտրում հենց նոր հիմնված ջազ֊բենդի համար։


«Սոխի մառանում»

Ինչպես մենք էինք սիրում Հռենոսի լայնքով մարգագետինները, այնպես էլ պանդոկի տեր Ֆերդինանդ Շմուհն էր սիրում Դյուսելդորֆի և Կայզերվերդի միջև ընկած Հռենոսի աջ ափը։ Սկզբնական շրջանում մենք մեր համարների համարների փորձերը Շտոկումից վեր էինք անցկացնում։ Իսկ Շմուհը, ի տարբերություն մեզ՝ իր մանր տրամաչափի հրացանով ճնճղուկներ փնտրելով, սանրում էր լանջի ծառերն ու թփերը։ Նա այդպիսի հոբբի ուներ և այդ անելիս հանգստանում էր։ Երբ նրան երբեմն ինչ֊որ բան վրդովվեցնում էր, նա կնոջը հրամայում էր նստել Մերսեդեսի ղեկին, նրանք գնում էին գետի երկայնքով, մեքենան թողնում էին Շտոկումից վերև, նա ոտքով, փոքր֊ինչ հարթաթափությամբ, հրացանը՝ փողով դեպի ներքև, մարգագետինների միջով ետևից քարշ էր տալիս կնոջը, որը կնախընտրեր մնալ մեքենայի մեջ, հետո նրան նստեցնում էր մի որևիցե քարի վրա, իսկ ինքը անհետանում էր թփերի մեջ։ Մենք նվագում էինք մեր ռեգթայմը, նա թփուտների մեջ կրակում էր։ Մինչ մենք ծառայում էինք երաժշտությանը, նա կրակում էր ճնճղուկների վրա։

Շոլլեն, որը Կլեփի պես, հաշված գիտեր քաղաքի բոլոր պանդոկապաններին, հենց որ բուսականության մեջ կրակոցներ էին լսվում, մեզ ասում էր․

― Շմուհը ճնճղուկների վրա է կրակում։

Քանի որ Շմուհն այլևս ողջ չէ, ես կարող եմ անմիջապես, տեղիցս չշարժվելով, մահկանացու արտասանել․ Շմուհը լավ հրաձիգ էր, իսկ միգուցե և լավ մարդ, քանզի նույնիսկ ճնճղուկների վրա կրակելով, նա, չնայած իր ձախ գրպանում մանր տրամաչափի հրացանի զինամթերք էր պահում, սակայն դրա փոխարեն նրա աջ գրպանը լի էր թռչունների կերով և միայն կրակոցներից հետո՝ իսկ մեկ օրում ապանում էր 12֊ից ոչ ավելի ճնճղուկ, նա շռայլ ձեռքով շաղ էր տալիս այդ կերը այլ ճնճղուկների համար։ Երբ Շմուհը դեռ ողջ էր, մի անգամ քառասունինը թվի նոյեմբերյան սառը առավոտյան, մենք արդեն մի քանի շաբաթ նվագախմբով փորձեր էինք անում Հռենոսի ափին, սկսեց մեզ հետ խոսել, ընդ որում, ոչ թե ցածր, այլ չափազանց բարձր ձայնով։

― Ինչպե՞ս կհրամայեք ինձ այստեղ կրակել, երբ դուք զբաղվում եք երաժշտությամբ ու վախեցնում եք իմ թռչնակներին։

― Օ, ― սկսեց Կլեփն իր արդարացման ճառը և պատրաստվելու համար վերցրեց ֆլեյտան, ինչպես զենքը։ ― Դուք հենց այն հազվադեպ հանդիպող երաժշտականն պարոնն եք, որն աննման ռիթմայնությամբ ուղեկցում է մեր մեղեդիներին, երբ կրակում է թփերի մեջ։ Իմ հարգանքները, պարոն Շմուհ։

Շմուհը շատ գոհ էր, որ Կլեփն իրեն կոչեց անունով, սակայն, այնուամենայնիվ, հարցրեց, թե որտեղից Կլեփը իսկապես ասած, գիտի իրեն։ Կլեփը խոր վրդովմունք խաղարկեց, ախր, այդ ո՞վ չի ճանաչում Շմուհին։ Փողոցում հենց միայն դա էլ լսում ես, այ, ահա և Շմուհը գնաց, այժմ Շմուհը կգա, դուք տեսե՞լ եք Շմուհին, իսկ այս ո՞ւր է կորել Շմուհը, իսկ նա այսօր ճնճղուկնե՞ր է սպանում։

Կլեփի կողմից մինչև համաշխարհային մակարդակի հանրահայտության բարձրացված, Շմուհը մեզ առաջարկեց նվագել, հետաքրքրվեց, թե ինչպես են մեզ բոլորիս անվանում, կամեցավ մեր երժշտացանկից ինչ֊որ բան լսել, լսեց վաագրային ռեգթայմը, ինչից հետո կանչեց իր կնոջը, որը մորթե մուշտակով Հռենոսի շիթերի վերևում նստել էր քարի վրա ու մտորում էր։ Նա իր մորթիներով հայտնվեց, և մենք ստիպված եղանք մեր համարը կրկնել, մենք ամենաբարձր մակարդակով ներկայացրեցինք «High Society», և նա, ամբողջապես մորթիների մեջ, մեր ավարտելուց հետո ասաց․

― Ֆրեդդի, չէ որ դու հատկապես սա էիր փնտրում քո մառանի համար։

Դատելով ամեն ինչից, նա կիսում էր կնոջ կարծիքը, անմիջապես հավատաց, որ վաղուց էր փնտրում մեզ և ահա հիմա գտավ, սակայն, նախ և առաջ մտասուզվելով և, միգուցե մտքում ինչ֊որ բան հաշվել արտակարգ արհեստավարժությամբ ստիպեց, որ Հռենոսի մակերեսի վրայով մի քանի քարեր թռչկոտեն և հետո միայն առաջարկեց երեկոյան իննից մինչև գիշերվա երկուսը նվագել «Սոխի Մառանում», մեկ երեկոյի համար ամեն մարդուն տասը մարկով կամ, ասենք, տասներկուականով, իսկ Կլեփն այդ ժամանակ ասաց՝ տասնյոթ, որպեսզի Շմուհին ավելի հեշտ լինի ասել տասնհինգ, սակայն և այնպես Շմուհը ասաց՝ տասնչորս ու հիսուն, մենք ձեռք ձեռքի տվեցինք։

Փողոցից նայելու դեպքում «Սոխի մառանը» նման էր բազմաթիվ այլ նորագույն փոքրիկ մառաններին, որոնք առավել հներից տարբերվում են նաև նրանով, որ դրանք շատ ավելի թանկ են։ Թանկության պատճառը կարելի է փնտրել մառանների ներքին արտասովոր հարդարանքի մեջ, ինչով մեծ մասամբ հռչակվում էին որպես արիստոկրատական, ինչպես նաև նրանց անվանումների մեջ, քանզի նրանք նրբաճաշակորեն անվանվում էին «Ռավիլիկներ» կամ խորհրդավոր֊էկզիստենցալիորեն՝ «Տաբու», կամ սուր և այրող «Պապրիկա» և կամ էլ ընդհանրապես «Սոխի մառան»։

«Սոխի մառան» բառը և սոխի պարզունակ խոցող նկարը արծնապնակե ցուցանակի վրա դիտավորյալ պատկերված էր անճաշակորեն, իսկ ցուցանակը հին գերմանական ոճով կախված էր բազմաթիվ ոլորագծերով չուգունե բարձակից։ Կանաչագարեջրագույն ուռուցիկ ապակիները ծածկում էին միակ պատուհանը։ Սուսերներով պատված երկաթյա դռան առջև, որը պետք է կարծել, որ դժվարին տարիներին փակում էր ռմբապաստարանի մուտքը, կանգնում էր գյուղական ոչխարի մորթիով դռնապանը։ «Սոխի մառան» ներս չէին թողնում անխտիր բոլորին։ Նամանավանդ ուրբաթ օրերին, երբ շաբաթվա աշխատավարձը վեր էր ածվում գարեջրի, դադարեցվում էր Հին քաղաքի բնակիչների մուտքը՝ նամանավանդ, որ մառանը նրանց գրպանի համար հարմար չէր։ Իսկ նա, ում այնտեղ թողնում էին, սուսերով դռնից այն կողմում հինգ աստիճան ներքև էր իջնում, հայտնվում էր մեկ մետրաչափ հարթակում, ասես Պիկասոյի ցուցահանդեսից վերցված ցուցապաստառը նման հարթակը նույնիսկ դիտարժան ու ինքնատիպ էր դարձնում, իջնում էր ավելի ներքև, այս անգամ դրանք չորս աստիճաններ էին, և հայտնվում էր հանդերձարանի դիմաց։ «Խնդրում ենք հետո վճարել», ― կոչ էր անում ստվարաթղթե ցուցանակը, և կախիչի մոտ կանգնած երիտասարդ մարդը, մեծ մասամբ Գեղարվեստների ակադեմիայի մորուքավոր աշակերտ, երբեք փողը նախապես չէր վերցնում, որովհետև «Սոխի մառանը», չնայած որ թանկարժեք, սակայն ծանրակշիռ հաստատություն էր։ Տնօրենն անձամբ էր դիմավորում յուրաքանչյուր հյուրի՝ նրան ուղեկցելով հոնքերի այնպիսի ակտիվ շարժումով, այնպիսի ժեստերով, կարծես թե առաջիկայում նա ամեն մի հերթական հյուրի հետ պետք է ձեռքսեղմելու արարողություն սկսեր։ Ինչպես մեզ հայտնի է, տնօրենին Ֆերդինանդ Շմուհ էին անվանում, դեպքից դեպք նա կրակում էր ճնճղուկների վրա և հակում զգում այն հասարակության հանդեպ, որը փողային ռեֆորմից հետո Դյուսելդորֆում ձևավորվել էր բավականին արագ, մյուս տեղերում ևս՝ չնայած որ ավելի դանդաղ։ Ճիշտն ասած, «Սոխի մառանը», և այստեղ մենք լիովին կարող էինք համոզվել բարգավաճող գիշերային հաստատության ծանրակշռության մեջ, ամենաիսկական մառան էր, նույնիսկ՝ որոշ չափով խոնավ։ Իր երկարությամբ ու սառը հատակով այն լիովին կարելի էր համեմատել չորսը տասնութի վրա չափսեր ունեցող աղիքի հետ, որը տաքացվում էր երկու նույնպես իսկական թիթեղյա վառարաններով։ Ճիշտ է, եթե խիստ դատելու լինենք, դա, այնուամենայնիվ, կատարելապես մառան չէր։ Դրա առաստաղը քանդել էին և վերևի մասում մեծացրել՝ միացնելով առաջին հարկի բնակարանը, նշանակում է, որ դրա պատուհանը ևս կատարելապես նկուղային չէր, այլ նախկին առաջին հարկի բնակարանի պատուհանն էր, ինչը որոշ չափով նվազեցնում էր բարգավաճող գիշերային հաստատության ծանրակշռությունը։ Սակայն, քանի որ պատուհանից կարելի էր դուրս նայել, եթե այն չապակեպատեին հաստացված կլոր ապակիներով և եթե նման ձևով դեպի վերև մեծացված մառանի վերին մասում պատշգամբասրահ էին կառուցել, ուր կարելի էր հայտնվել կարծես թե հավաբնից փոխառնված, չափից դուրս ինքնատիպ աստիճաններով, դա, այնուամենայնիվ, առիթ է տալիս մառանը ծանրակշիռ գիշերային հաստատություն համարել՝ սակայն ո՞ր օրենքով նա պետք է լիներ այդպիսին։

Այո, Օսկարը մոռացավ նաև ասել, որ դեպի պատշգամբասրահ տանող հավերի համար թառը, ճիշտն ասած, թառ չէր, այլ ավելի շուտ մի յուրօրինակ նավասանդուղք, քանի որ իրենց թեքության պատճառով այդ չափից դուրս վտանգավոր աստիճանների աջ և ձախ կողմերում կարելի էր բռնվել չլսված ինքնատիպության լվացքի պարաններից, ողջ կառույցը մի փոքր ճոճվում էր, հանգեցնում էր ծովային ճամբորդության մտքին և մառանն էլ ավելի թանկ էր դարձնում։

Կարբիդի լամպերը, ինչպես նրանք, որ իրենց հետ տանում են հանքափորերը, լուսավորում էին «Սոխի մառանը», կարբիդի հոտ էին արձակում, ինչն իր հերթին մեծացնում էր գները և կարծես «Սոխի մառանի» վճարունակ այցելուներին տեղափոխում էին դե, ասենք, երկու հարյուր հիսուն մետր խորության կալիումի հանքափորի գետնանցք։ Մինչև գոտկատեղը մերկացած հորատողները աշխատում են հանքաշերտի հետ, բացում են երակը, շերեփը հանքաքարը դուրս է բերում երկրի մակերես, վերհան մեքենան, փոքրիկ վագոնները լցնելով, ոռնում է և հետո հետևում այնտեղ, որտեղ գնացքը դեպի Ֆրիդրիխսհայլ 2 է թեքվում, կայծկլտում է լույսը, դա ավագ հանքափորն է, նա գալիս է, նա ասում է․ «Երջանկաբեր երկրի երես», տարուբերում է կարբիդի լամպը, որը ճիշտ նույն տեսքն ունի, ինչպես նրանք, որ կախված են «Սոխի մառանի» չներկված, անփութորեն սպիտակեցված պատերին, կախվել և լուսավորում են և հոտ են արձակում, բարձրացնում են գները և ինքնատիպ մթնոլորտ են ստեղծում։

Անհարմար նստատեղեր՝ հասարակ կոպիտ արկղեր, որոնք պատված են սոխի պարկերով, դրա փոխարեն փայլելու աստիճան քերված փայտե սեղանները փայլատակում են, հյուրին գայթակղում են լքել հանքահորը և տեղափոխվել բարեհամբյուր գյուղացիական վերնասրահ, որպիսին երբեմն տեսնում ես կինոյում։ Դե, ահա, ճիշտն ասած, և վերջ։ Այո, իսկ վաճառասեղա՞նը։ Ոչ մի տեսակի վաճառասեղաններ էլ գոյություն չունեն։ Պարոն մատուցող, տվեք խնդրեմ քարտեզը։ Ոչ մատուցող, ոչ քարտեզ։ Կարելի է նաև հիշատակել մեզ, «Հռենոսյան եռյակին»։ Կլեփը, Շոլլեն և Օսկարը նստում էին թառի տակ, որը, ճիշտն ասած, ոչ թե թառ էրմ այլ նավասանդուղք, գալիս էին իննին, հանում էին իրենց գործիքները և մոտավորապես տասին սկսում էին նվագել։ Քանի որ այժմ ընդամենը ինն անց է տասնհինգ, մեր մասին դեռ վաղ է խոսել։ Դեռևս չարժե նայել Շմուհի մատներին, որոնցով նա, լինում են դեպքեր, փոքր տրամաչափի հրացան է բռնում։

Հենց որ մառանը լցվի հյուրերով, իսկ այստեղ կիսով չափն էլ հենց նշանակում է լցվել՝ Շմուհը, տնօրենը, իր վրա էր գցում կաշնեն։ Կաշնեն՝ պայծառ֊կապույտ մետաքս, իր նախշը ուներ, հատուկ նախշը, իսկ այն այստեղ այն պատճառով է հիշատակվում, որ կաշնեն իր վրա գցելը հատուկ նշանակություն ուներ։ Այսպես կարելի է նկարագրել նրա նախշը․ ոսկեգույն, դեղին սոխի գլուխներ։ «Սոխի մառանում» երեկոն համարվում էր բացված, միայն երբ Շմուհն այդ կաշնեով փաթաթում էր պարանոցը։

Հյուրերը՝ գործարարներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստի մարդիկ, նաև թատերական լրագրողներ, կինոյի աշխատողներ, հայտնի մարմնամարզիկներ, ինչպես և երկրամասի կառավարության պաշտոնյաներ, մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր այսօր իրենց ինտելիգենցիա են անվանում, իրենց կանանց, քարտուղարուհիների, ընկերուհիների հետ նստում էին ջութով պատված բարձերի վրա և, քանի դեռ Շմուհը սոխի գլուխներով կաշնեն չէր փաթաթել պարանոցի շուրջը, ցածրաձայն, ես կասեի նույնիսկ ուժերի լարումով, գրեթե տրտմածությամբ, զրուցում էին։ Մարդիկ այս կամ այն կերպ փորձում էին խոսակցություն վարել, սակայն, չնայած նրանց ամենալուրջ մտադրություններին, ոչինչ չէր ստացվում, նրանք անցնում էին խնդիրների կողքով՝ չնայած նրանք այնպես ազատություն կտային իրենց, չնայած այնպես կներկայացնեին այն ամենը, ինչ մտածում են, ինչը նրանց հանգիստ չէր տալիս, ինչը կուտակվել էր հոգում, ողջ կոկորդով մեկ, որպեսզի գլուխը դրանում մասնակցություն չունենար, արտահայտել սարսափելի ճշմարտությունը, մարդուն ցույց տալ մերկ, ուզում էին և չէին կարողանում։ Այս ու այն կողմում երևում էին կործանված կարիերայի, փլված ամուսնության խավար ուրվագծերը։ Ահա այն խելացի ու մեծածավալ գլխով ու թեթև գրեթե նրբագեղ ձեռքերով պարոնի մոտ կարծես տհաճություններ կան որդու հետ կապված, որին չի բավարարում հոր անցյալը։ Կարբիդի լամպերի լույսի տակ դեռևս հաճելի տեսք ունեցող երկու ջրաքիսով կանայք կարծես թե կորցրել են հավատը, միայն մեկ հարց է մնում բաց․ հատկապես ինչի՞ հանդեպ հավատը։ Մենք դեռ ոչինչ չգիտենք ծավալուն գլխով պարոնի անցյալի մասին և այն մասին, թե ինչպիսի տհաճություններ է կազմակերպում նրա որդին այն այնցյալի պատճառով․ դրա մասին խոսք չի գնում, մի խոսքով, այդ ամենը նման է, այսպիսի համեմատության համար ներեցեք Օսկարին, ածելու պատրաստ հավի․ անընդհատ լարում է մկանները, լարում է մկանները և ոչ մի կերպ․․․

Ահա և «Աոխի մառանում» էին մկաններն ապարդյուն լարում, մինչև որ տնօրեն Շմուհը կարճ ժամանակով հայտնվում էր առանձնահատուկ կաշնեի հետ, շնորհակալանքով լսում էր համընդհանուր ուրախ «ախը», ինչից հետո կրկին մի քանի րոպեով անհետանում էր մառանի վերջի վարագույրի ետևում, որտեղ զուգարաններ էին ու պահեստներ, անհետանում էր ու կրկին դուրս գալիս։

Սակայն ինչու էր կիսաթեթևացած, էլ ավելի ուրախ «ա՜֊ա֊խը» նրան դիմավորում, երբ նա երկրորդ անգամ էր հայտնվում իր հյուրերին։ Ահա բարգավաճող գիշերային հաստատության տնօրենն անհետանում է վարագույրի ետևում, ինչ֊որ բան է վերցնում պահեստանոցից, կիսաձայն մի քիչ կշտամբում է զուգարաններին կից ծառայողուհու վրա, որը նստել է այնտեղ ու նկարազարդ ամսագիր է թերթում, կրկին դուրս է գալիս վարագույրների ետևից, և նրան դիմավորում են ողջույններով, ինչպես Փրկչին, ինչպես հրաշալի կախարդ քեռուն։

Շմուհն իր հյուրերի առջև հայտնվում էր զամբյուղը ձեռքին։ Զամբյուղը ծածկում էր երկնագույն վանդակավոր անձեռցիկը։ Անձեռոցիկի վրա դրված էին խոզերի ու ձկների տեսքով կտրված փայտե տախտակներ։ Այդ մաքուր քերված տախատակները տնօրեն Շմուհը բաժանում էր իր հյուրերին՝ ընդ որում հաջողացնելով խոնարհաբար ողջունել և հաճոյախոսություններ շաղ տալ, որոնք բերում էին այն մտքին, որ նրա պատանեկությունն անցել է Բուդապեշտում ու Վիեննայում։ Շմուհի ժպիտը հիշեցնում էր պատճենի ծիծաղը, որը նկարված էր իբր իսկական Մոնա Լիզայի պատճենից։

Սակայն հյուրերը ամենայն լրջությամբ էին վերցնում տախտակները։ Ոմանք նույնիսկ փոխանակվում էին դրանցով։ Մեկի սրտին առավել հոգեհարազատ էին խոզի ուրվագծերը, մեկ ուրիշ կամ մեկ այլ այցելուհի, եթե խոսքը կնոջ մասին էր, մեկ կտորից կազմված ընտանի խոզից առավել գերադասոում էր խորհրդավորությամբ լցված ձկանը։ Նրանք հոտոտում էին իրենց տախտակները, դրանք ետ ու առաջ էին շարժում, իսկ տնօրեն Շմուհը, շրջայց կատարելով նաև պատշգամբասրահի բոլոր այցելուներին, սպասում էր մինչև տախտակները դադարեցնեն շարժումը։

Այդ ժամանակ, և դրան բոլոր սրտերն էին սպասում, այդ ժամանակ նա, աճպարարից գրեթե ոչնչով չտարբերվելով, հանում էր անձեռոցիկը, զամբյուղիկը երկրորդ անձեռոցիկով էր ծածկում, որի տակ, առաջին հայացքից աննկատ, դրված էին դանակները։

Եվ ինչպես նախկինում Շմուհը տախտակներով էր շրջայց կատարում, այնպես էլ այժմ դանակներով էր շրջայց կատարում մեծացնելով լարումը, ինչն օգնում էր նրան ուռճացնել գները, և հիմա նա հաճոյախոսություններ էլ շաղ չէր տալիս և թույլ չէր տալիս նաև փոխել դանակները, այժմ նրա շարժումներին բնորոշ էր լավ հաշվարկված շտապողականությունը։ «Պատրաստ է, ուշադրություն, ալե֊հոպ», ― բացականչում էր նա, զամբյուղի վրայից պոկում էր անձեռոցիկը, ձեռքը մտցնում էր այնտեղ ու բաժին էր հանում, բաժին էր տալիս, նվերներ էր բաժանում ժողովրդին, դառնում շռայլ նվիրատու, ապահովում էր իր հյուրերին, նրանց սոխի գլուխներ էր բաժանում, նրանք, որ նրա փոքր֊ինչ ոճավորված և ոսկեգույն֊դեղին կաշնեի վրա ուշադրություն էին գրավում ամենասովորական սոխի գլուխները, պալարապտուղները, ոչ թե վարդակակաչների կոճղեզները, այլ սոխի գլուխները, որոնք գնում է տանտիրուհին, սոխի գլուխները, որոնք վաճառում է բանջարեղենի վաճառոհուղին, սոխի գլուխները, որոնք տնկում ու հավաքում է գյուղացին կամ գեղջկուհին կամ բատրակ կինը, սոխի գլուխները, որոնց կարելի է հանդիպել հոլանդական մանրանկարիչների նատյուրմորտներում, որտեղ նրանք պատկերված են մեծ կամ փոքր աստիճանի արժանահավատությամբ։ Ահա այդպիսի և դրանց նման սոխի գլուխներ էր բաժանում տնօրենն իր հյուրերին՝ մինչև որ յուրաքանչյուրի մոտ մեկ սոխի գլուխ հայտնվեր, մինչև որ լսելի դառնար, թե ինչպես են շաչում չուգունե վառարանները և երգում կարբիդե լամպերը։ Նման լռություն էր թագավորում սոխի գլուխների մեծ բաժանումից հետո, և ահա Ֆերդինանդ Շմուհը բացականչում էր․ «Խնդրեմ, իմ լավ պարոնայք» և ձախ ուսի վրայով գցում էր իր կաշնեի ծայրը, ինչպես դա վայրէջքից առաջ դահուկորդներն են անում, և դրանով իսկ նշան էր տալիս։

Սկսում էին սոխի գլուխների վրայից մաքրել կճեպները։ Ասում են, որ սոխի գլխի վրա յոթ հագուստ կա։ Տիկնայք ու պարոնայք խոհանոցային դանակներով սոխ էին մաքրում։ Նրանք դրա վրայից հանում էին մեկը, հանում էին երկրորդը, բաց գույնին, ոսկեգույն դեղինը, կարմրաշագանակագույնը, կամ, առավել ստույգ ասած, սոխի գույնի կաշին նրանք մաքրում էին, մինչև որ սոխի գլուխը դառնում էր ապակենման կանաչ գույնի, սպիտակավուն, խոնավ, ջրալի֊կպչուն, սկսում էր հոտ արձակել, նրանից գալիս էր, նրանից գլուխ սոխի հոտ էր գալիս։ Եվ այդ ժամանակ նրանք սկսում էին մանր կտրտել, ինչպես մանր կտրում են սոխը, արհեստավարժորեն կամ ոչ արհեստավարժ ձևով, խոհանոցային տախտակների վրա, որոնք կրկնում էին խոզի կամ ձկան ուրվագծերը, կտրում էին մեկ և մյուս ուղղությամբ, այնպես, որ հյութը ցայտում էր կամ խառնվում էր սոխի գլուխների վերևի օդին, առավել ավագ տարիքի պարոնները, որոնք դանակների հետ վարվել չգիտեին, պետք է առանձնակի զգուշություն դրսևորեին, որպեսզի իրենց մատները չկտրեին։ Սակայն շատերը, միևնույն է, կտրում էին, չնայած դա չէին նկատում, դրա փոխարեն ավելի արհեստավարժ էին կանայք, սակայն ոչ անխտիր բոլոր կանայք, այլ նրանք, որոնք տանը տնտեսությամբ էին զբաղվում, ով֊ով, բայց նրանք գիտեին, թե ինչպես են կտրատում սոխը, ասենք խնձորով ու սոխի օղակներով թոք տապակելու համար, սակայն Շմուհի մառանում չկար ո՛չ մեկը, ո՛չ մյուսը և ընդհանրապես ուտելու բան չկար, իսկ ով ուտել էր ուզում ավելի լավ է այլ տեղ գնար՝ «Ձկնիկ», այլ ոչ «Սոխի մառան», որովհետև այստեղ միայն սոխ էին կտրատում և ուրիշ ոչինչ։ Իսկ ինչո՞ւ։ Դե, որովհետև մառանն այդպես էր կոչվում և անսովոր մառան էր, որովհետև սոխը, եթե ոնց որ հարկն է նայենք․․․ սակայն Շմուհի հյուրերը այլևս ոչինչ չէին տեսնում, քանզի նրանց աչքերից հոսում էին արտասուքները, և ոչ թե այն պատճառով, որ նրանց սրտերն այդ աստիճան լցված էին, չէ՞ որ որևէ տեղ ասված չէ, որ սիրտը լցվելու դեպքում աչքերից անպատճառ արտասութներ են հոսում, նրա մոտ դա ոչ մի անգամ չի ստացվում, հատկապես, եթե վերցնենք վերջին ու անցած տասնամյակը։ Այդ իսկ պատճառով, մեր հարյուրամյակը, հնարավոր է, ինչ֊որ ժամանակ կանվանեն անարցունք՝ չնայած տանջանքների չափն այն աստիճան մեծ է՝ այ հենց մարդկանց այդ անարցունքության պատճառով էլ մարդիկ, որոնք կարող էին իրենց նման բան թույլ տալ, գալիս էին «Սոխի մառան», որտեղ տնօրենը նրանց խոհանոցային տախտակներ էր նվիրում՝ խոզ կամ ձուկ, ութսուն պֆենիգ արժեցող խոհանոցային դանակ և ամենահասարակ այգեբանջարանոցային խոհանոցային տասներկու մարկ արժեցող սոխի գլուխը, իսկ հետո այն կտրտում էին մանր և էլի ավելի մանր կտորների, մինչև որ սոխի հյութն արդյունքի հասնի։ Իսկ ինչպիսի՞ արդյունքի․ իսկ այնպիսի, ինչպիսին չկարողացավ հասնել ողջ աշխարհը և այդ աշխարհի բոլոր տանջանքները՝ մարդկային կլոր արտասուքի։ Այստեղ բոլորն էին լաց լինում։ Այստեղ բոլորը կրկին արտասվեցին։ Արտասվում էին արժանապատիվ, արտասվում էին անզուսպ, արտասվում էին հեկեկալով։ Արտասուքները հոսում էին և քշում֊տանում պատնեշները։ Այստեղ սելավը ճեղքում֊բացում էր ամբարտակները։ Ինչպես է կոչվում այն գետը, որն ամեն տարի դուրս էր գալիս ափերից, իսկ կառավարությունը բացարձակապես ոչ մի միջոց չի ձեռնարկում։ Իսկ ահա տասներկու ութսուն արժողությամբ բնության երևույթից հետո կուշտ արտասված մարդը սկսում է խոսել։ Սկզբում անվստահ, սեփական խոսքերի մերկությունից ճնշվելով, մառանի հյութերը, որոնք ճաշակել էին սոխի վայելքները, իրենց հոգիներն էին հարևանների առջև բացում անհարմար, թույլ էին տալիս իրենց հարց ու փորձ անել ու աստառով դուրս շրջել, ինչպես շրջում են վերարկուն շուռ տալու համար։ Օսկարը, որ Կլեփի ու Շոլլեի հետ անխոս նստած էր կիսածածկի տակ, ցանկանում էր այստեղ առավելագույն նրբազգացություն դրսևորել, ցանկանում էր բոլոր ակներևություններից, ինքնակշտամբանքներից, մերկացումներից, խոստովանություններից վերապատմել միայն օրիորդ Պիոխի պատմությունը, որն անդադար կորցնում էր իր պարոն Ֆոլմերին, դրա պատճառով քարե սիրտ ու անարտասուք աչքեր ձեռք բերեց և այդ իսկ պատճառով պետք է կրկին ու կրկին այցելության գար թանկագին «Սոխի մառան»։ Մենք հանդիպեցինք, այսպես սկսեց օրիորդ Պիոխը կուշտ արտասվելուց հետո, տրամվայում։ Ես խանութից էի գալիս, նա մի գերազանց գրքի կրպակի տնօրեն ու ղեկավար է, վագոնը լեփ֊լեցուն էր, և Վիլլին, այդպես են անվանում պարոն Ֆոլմերին՝ ոտքը շատ ուժեղ դրեց իմ աջ ոտքի վրա։ Ես չէի կարողանում նույնիսկ կանգնել, և մենք առաջին հայացքից սիրեցինք միմյանց։ Սակայն քանի որ չէի կարողանում նաև քայլել, նա ինձ առաջարկեց իր ձեռքը, ուղեկցեց, ավելի ճիշտ, ինձ տարավ տուն և հենց այդ ժամանակներից սիրով հոգ էր տանում հենց այն եղունգի մասին, որն ամբողջապես կապտել էր, երբ Վիլլին ոտքը դրել էր նրա վրա։ Մնացածում ևս նա սիրո արտահայտությունների մեջ չէր ժլատանում մինչև որ աջ ոտքիս բութ մատի եղունգը ընկավ, և, բնականաբար, տեղում ազատորեն կարող էր նորը աճել։ Սակայն այն օրվանից, երբ մեռած եղունգս պոկվեց, սառեց նաև նրա սերը։ Մենք երկուսս էլ տառապում էինք դրանից։ Եվ այդ ժամանակ Վիլլին, որը դեռ շատ կապված էր ինձ հետ, քանի որ մեր մեջ, և ընդհանրապես նրա հետ, ընդհանուր շատ բան կար, ինձ սարսափելի առաջարկություն արեց․ արի ես ոտքս դնեմ քո ձախ ոտքի բութ մատի վրա, մինչև որ այն դառնա կարմրակապույտ, իսկ հետո սևակապույտ։ Ես համաձայնեցի, նա այդպես էլ արեց։ Կրկին ինձ վերադարձավ նրա սիրո ողջ լիակատարությունը, և ես կարող էի վայելել այն, մինչև որ ձախ եղունգս թառամած տերևի պես պոկվեց, կրկին եկավ մեր սիրո աշունը։ Այդ ժամանակ Վիլլին ցանկացավ ոտքը դնել իմ աջ ոտքի բութ մատի վրա, որն այդ ժամանակ բավականաչափ աճել էր։ Սակայն այդ ժամանակ ես չհամաձայնեցի։ Ես ասացի, եթե քո սերը իսկական է ու մեծ, ապա այն պետք է եղունգից ավել ապրի։ Նա չհասկացավ իմ բառերն ու ինձ լքեց։ Մի քանի ամիս անց մենք նրա հետ հանդիպեցինք համերգում։ Ընդմիջումից հետո նա առանց հարցնելու նստեց իմ կողքին, որովհետև իմ կողքը, էլի ազատ տեղ կար։ Երբ իններորդ սիմֆոնիայի ժամանակ ելույթ ունեցավ երգչախումբը՝ ես նրա կողմը հարվածի տակ դրեցի իմ աջ ոտքը՝ նախապես կոշիկս հանելով։ Նա անմիջապես շոշափելով գտավ, սակայն ես դրա պատճառով համերգը չխանգարեցի։ Չնայած յոթ շաբաթ անց Վիլլին կրկին ինձ թողեց։ Մենք ևս երկու անգամ կարճ ժամանակով պատկանեցինք միմյանց, որովհետև մեկ անգամ ես նրա ոտքի տակ դրեցի ձախ, մյուս անգամ՝ աջ ոտքս։ Այսօր իմ երկու ոտքերի բութ մատներն այլանդակված են։ Եղունգներս այլևս չեն ցանկանում աճել։ Վիլլին հազվադեպ գալիս էր ինձ մոտ, սարսափով նստում իմ դիմաց՝ գորգի վրա, իմ հանդեպ կարեկցանքով լցված, ինչպես և իր հանդեպ, սակայն առանց որևէ սիրո ու արցունքների, նայում էր եղունգներից զրկված մեր սիրո զոհին։ Երբեմն ես նրան ասում եմ՝ գնանք ինձ հետ, Վիլլի, գնանք «Սոխի մառան», Շմուհի մոտ և մի անգամ ինչպես հարկն է արտասվենք։ Սակայն նա դեռ ոչ մի անգամ չի համաձայնել։ Խեղճն այդպես էլ ոչինչ չգիտի մեծ սփոփողի՝ արտասուքի մասին։

Ավելի ուշ, և Օսկարն այդ մասին պատմում է ձեր հետաքրքրասիրությունը բավարարելու միակ նպատակով, մեզ մոտ՝ մառանում հայտնվեց նաև պարոն Ֆոլմերը՝ ռադիոսարքավորումների խանութի տնօրենը։ Նրանք միասին արտասվեցին և, դատելով ամեն ինչից, ինչպես երեկ իր այցելության ժամանակ ինձ պատմեց Կլեփը, վերջերս ամուսնացել են։ Չնայած որ մարդկային կենցաղի իրական ամբողջությունն իր ամբողջութայն մեջ տեսանելի է դառնում երեքշաբթիից մինչև շաբաթ, կիրակի օրերին մառանը չէր աշխատում, հատկապես երկուշաբթի օրերի հյուրերին բախտ վիճակվեց իրենց ներկայացնել եթե ոչ ամենաողբերգական, ապա դրա փոխարեն որպես ամենաակտիվ արտասվողներ։ Երկուշաբթի օրն ավելի էժան էր։ Շմուհը սոխի գլուխները երիտասարդներին բաժին էր հասցնում կես գնով։ Սկզբնական շրջանում գալիս էին բժիշկներն ու բժշկուհիները։ Ինչպես նաև Գեղարվեստների ակադեմիայի ուսանողները՝ առաջին հերթին նրանք, ովքեր ապագայում ուզում էին նկարչության ուսուցիչ դառնալ, սոխի գլուխների վրա էին մաշեցնում իրենց կրթաթոշակի մի մասը։ Սակայն ես մինչ օրս էլ ինձ հարց եմ տալիս՝ որտեղի՞ց էին սոխի համար փող վերցնում գիմնազիաների շրջանավարտ տղաներն ու աղջիկները։

Պատանեկությունը նույն ձևով չի արտասվում, ինչ ծերությունը։ Պատանեկության խնդիրներն այլ են։ Եվ ամենևին էլ պարտադիր չէ, որ դրանք ստուգողական աշխատանքներին կամ ընդունելությանը նախորդող անհանգստություններ լինեն։ Հասկանալի է, «Սոխի մառանում» ջրի երես էին դուրս գալիս հոր ու որդու հարաբերություններ, մոր ու աղջկա ողբերգական հարաբերությունները։ Չնայած պատանեկությունն իրեն չհասկացված էր զգում, հազիվ թե նա այդ չհասկացվածությունն արտասուքների համար հարգելի պատճառ համարեր։ Օսկարը ուրախանում էր, որ, ինչպես և հին ժամանակներում, պատանեկությունն արտասուք էր թափում հանուն սիրո, ընդ որում պարտադիր չէ, որ հանուն մարմնական սիրո։ Ահա Գերհարդն ու Գուդրունը, սկզբում նրանք միշտ նստում էին ներքևում և միայն ավելի ուշ տեղափոխվեցին միասին՝ պատշգամբասրահում լաց լինելու։

Գուդրունը՝ բարձրահասակ, ուժեղ, ձեռքի գնդակով էր զբաղվում և քիմիա ուսումնասիրում։ Ծոծրակի մասում՝ ճոխ մազափունջ։ Նա իր մոխրագույն և, այնուամենայնիվ մայրական ձևով, որպիսիք մինչև պատերազմի ավարտը կարելի էր տեսնել կանանց միութայն ցուցապաստառներում, ջերմ աչքերով նայում էր ուղիղ իր դիմաց։ Սակայն որքան էլ նրա փոքրիկ, ուռուցիկ ճակատը կաթնագույն֊հարթ ու առողջ էր թվում, նա իր դժբախտությունը ևս դեմքի վրա էր կրում։ Պարանոցից դեպի վեր, գրավելով խոշոր ուժեղ կզակը և երկու այտերը, տղամարդուն բնորոշ խիտ բուսականությունը, որը նա ստիպված էր կրկին ու կրկին թրաշել, սարսափելի հետքեր էին թողնում։ Հավանաբար, օրիորդական նուրբ մաշկը վատ էր տանում ածելին։ Կարմրավուն, ճաքճքված, պզուկոտ մաշկը դժբախտություն է, այլ ոչ թե մաշկ, որի վրա կրկին ու կրկին աճում է մորուքը՝ ստիպելով, որ Գուդրունը աղի արտասուք թափի։ Գերհարդը «Սոխի մառան» եկավ շատ ավելի ուշ։ Այս երկուսը ծանոթացել էին ոչ թե տրամվայի վագոնում, ինչպես օրիորդ Պիոխին ու պարոն Ֆոլմերը, այլ գնացքի վագոնում։ Նա նստած էր նրա դիմաց, և երկուսն էլ վերադառնում էին արձակուրդից, չնայած մորուքին՝ նա անմիջապես սիրեց աղջկան։ Նորածնի պորտի պես հարթ կաշվե ծնոտով աղջիկը չհամարձակվեց նրան սիրել այդ նույն մորուքի պատճառով և հիանում էր նրանով, ըստ էության, նրա դժբախտությունն էր կազմում։ Երիտասարդ տղամարդուն մորուք չէր աճում, ինչը նրան ստիպում էր աղջիկների հետ հարաբերություններում ծայրաստիճան ամաչկոտ լինել։ Եվ այնուամենայնիվ, նա աղջկա հետ խոսեց, երբ նրանք Գլխավոր կայարանում իջնում էին, նրանց միջև առնվազն ընկերություն էր հասցրել հաստատվել։ Այդ համատեղ ուղևորությունից հետո նրանք ամեն օր հանդիպում էին։ Խոսում էին այս ու այն թեմայից, որոշ մտքեր էին փոխանակում, և միայն մի կողմի մոտ բացակայող և մյուսի մոտ մշտապես աճող մորուքի մասին նրանք խոսք չէին բացում։ Բացի այդ, Գերհարդը խնայում էր Գուդրունին և երբեք չէր համբուրում՝ նրա տանջահար մաշկի պատճառով, և նրա սերը դառնում էր ավելի մաքրաբարո, չնայած ո՛չ նա, ո՛չ աղջիկը մաքրաբարոյությունն այդքան բարձր չէին դասում, քանզի վերջ ի վերջո աղջիկը քիմիա էր ուսուցառում, դե իսկ նա ընդհանրապես ուզում էր բժիշկ դառնալ։ Երբ ընդհանուր ընկերը նրանց տվեց «Սոխի մառան» անունը, երկուսն էլ, որ օժտված էին, ինչպես դա լինում է բժիշկների ու քիմիկոսների պարագայում, հոռետեսության բավական մեծ հակումով, արդեն պատրաստ էին արհամարհանքով քմծիծաղ տալ։ Սակայն վերջ ի վերջո նրանք գնացին՝ մեկը մյուսին հավատացնելով, թե գնում են ուսումնասիրություն կատարելու նպատակով։ Օսկարը իր կյանքում հաճախ չէր տեսել, որ երիտասարդ մարդիկ այդպես արտասվեն։ Նրանք գալիս էին կրկին ու կրկին, իրենցից կտրում էին այդ վեց ու քառասուն մարկը, արտասվում էին պակասող մորուքի համար և այն մորուքի համար, որն այլանդակում էր կանացի նուրբ մաշկը։ Երբեմն նրանք ձգտում էին մառան գնալ, նույնիսկ մեկ երկուշաբթի բաց թողեցին, սակայն հաջորդին կրկին վազելով եկան ու արտասուքները աչքերին, մատներով սոխը կտրատելով, պատմեցին, որ հաճախ են փորձել վեց ու քառասուն մարկը խնայել և էժանագին սոխի հետ այդ նույն բանը կազմակերպել իրենց ուսանողական բնում, սակայն բոլորովին այլ կերպ ստացվեց, քան մառանում։ Անհրաժեշտ էին լսորդներ։ Մարդկանց առկայությամբ շատ ավելի հեշտ է։ Ճշմարտացի համընդհանրության զգացմանը կարելի էր հանգել, երբ ձախից ու աջից, ու վերևում՝ պատշգամբասրահում, արտասվում էին ուսումնակիցները, այս կամ այն ֆակուլտետի և նույն Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները և, նույնիսկ, գիմնազիստները։

Գերհարդի ու Գուդրունի դեպքում ևս ահա գործն ավարտվեց ոչ միայն արտասուքներով, այլև ապաքինմամբ։ Հնարավոր է, որ արտասուքներն իրենց հետ տարան նրանց բարդույթները։ Նրանք, ինչպես ընդունված է ասել, դարձան մտերիմներ։ Նա համբուրում էր աղջկա բզկտված մաշկը, աղջիկը սքանչանում էր նրա մաշկի հարթությամբ, և եկավ օրը, երբ նրանք մառան չեկան, քանի որ դա նրանց այլևս պետք չէր։ Մի քանի ամիս անց Օսկարը այդ զույգին հանդիպեց Քյոնիգսալլեի վրա և սկզբում նույնիսկ չճանաչեց․ նա՝ անմորուք Գերհարդը, պճնազարդվել էր շեկ գույնի փարթամ, լայնաթավ մորուքով, նա՝ կեղևանքոր Գուդրունը, պահպանել էր ընդամենը վերևի շուրթի վերևի մուգ գույնի աղվամազը, որը նրան շատ էր գեղեցկացնում, իսկ կզակն ու այտերը փայլում էին իրենց հարթությամբ ու ամբողջապես զուրկ էին մազերից։ Այդ ամենը միասին վերցրած նշանակում է ուսանողական ընտանիք՝ Օսկարը կարող էր պատկերացնել իրեն, թե ինչպես են նրանք հիսուն տարի անց իրենց թոռներին պատմում, նա՝ Գուդրունը․ «Դա տեղի ունեցավ այն ժամանակներում, երբ ձեր պապիկը դեռ մորուք չուներ», և նա, Գերհարդը․ «Դա տեղի ունեցավ այն ժամանակներին, երբ ձեր տատիկի մոտ դեռ մորուք էր աճում, և մենք երկուսով ամեն երկուշաբթի «Սոխի մառան» էինք այցելում։

Այժմ դուք կարող եք հարցնել․ իսկ ինչո՞ւ են այդ երեք երաժիշտները դեռևս մնացել նավասանդուխքի կամ կիսածածկի տակ նստած։ Մի՞թե այդ սոխային հաստատությանը, բոլոր արտասուքներին, հեծկլտոցներին ու ատամների կրճտոցներին ավելացրած, անհրաժեշտ էր նաև հաստիքային երաժիշտների իսկական երաժշտությունը։

Հենց հյուրերն ավարտում էին արտասվելն ու խոսելը, մենք ձեռքներս էինք վերցնում մեր գործիքները, երաժշտական տեղափոխություն էինք կատարում դեպի առօրյա խոսակցությունները, հյուրերի համար դյուրին էինք դարձնում «Սոխի մառանին» հրաժեշտ տալը, որպեսզի նրանց տեղը նոր հյուրեր զբաղեցնեն։ Կլեփը, Շոլլեն ու Օսկարը դեմ էին սոխին։ Դրանից բացի Շմուհի հետ կնքած մեր պայմանագրի մեջ կար մի կետ, համաձայն որի մենք իրավունք չունեինք օգտվելու սոխից, ինչպես դա հյուրերն են անում։ Եվ բացի դա էլ դրանք՝ այդ սոխի գլուխները մեզ պետք չէին։

Մեր կիթառահարը՝ Շոլլեն, ընդհանրապես բողոքելու որևիցե պատճառ չուներ, նա մշտապես գոհ ու ուրախ տեսք ուներ, նույնիսկ այն դեպքում, երբ մեկ ռեգթայմի ընթացքում միաժամանակ պոկվում էին նրա բանջոյի երկու լարերը։ Իմ ընկեր Կլեփին մինչ օրս էլ անմատչելի են այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են ծիծղան ու արտասուքները։ Արտասուքները նա համարում էր հետաքրքրաշարժ և ոչ մի անգամ չէի տեսել, որ նա երբևիցե այդքան ուժեղ ծիծաղեր, ինչպես իր մորաքրոջ թաղման ժամանակ, որը լվանում էր նրա գուլպաներն ու վերնաշապիկները՝ մինչև որ նա ամուսնացավ։ Դե, իսկ ինչպիսի վիճակում էին Օսկարի գործերը։ Օսկարը, տեսնում է Աստված, բավականաչափ պատճառներ ուներ արտասուքների համար։ Մի՞թե պետք չէ արտասուքներով սրբել քույր Դորոթեային՝ երկար, երկար, անիմաստ գիշերն էլ ավելի երկար թվացող կոկոսե ուղեգորգի վրա։ Իսկ իմ Մարիան, մի՞թե նա ինձ դժգոհությունների համար առիթ չէր տալիս։ Մի՞թե նրա շեֆը բիլսյան բնակարանում նստած չէր մնացել։ Մի՞թե փոքրիկ Կուրտը՝ իմ որդին, գաղութային ապրանքների կրպակի տիրոջը չէր անվանում «Շտենցել մորեղբայր», իսկ հետո ընդհանրապես «Շտենցել հայրիկ»։ Իսկ մի՞թե իմ Մարիայի թիկունքում, մի՞թե Զասպեի գերեզմանատան սողուն ավազի տակ, Բրենտաուի գերեզմանատան կավի տակ չէին հանգչում իմ խեղճ մայրիկը, ոչ խելամիտ Յան Բրոնսկին, խոհարար Մացերատը, որն իր զգացմունքները միայն ապուրների միջոցով էր կարողանում արտահայտել։ Նրանց բոլորի մահը նույնպես պետք է ողբալ։ Սակայն Օսկարը մեկն է այն փոքրաթիվ երջանիկներից, որոնք ունակ են արտասվելու առանց սոխի։ Ինձ իմ թմբուկն էր օգնում։ Նրան ընդամենը անհրաժեշտ էին մի քանի որոշակի տակտեր, և Օսկարի աչքերից հոսում էին արտասուքները, որոնք ամենևին ավելի լավ կամ վատ չէին, քան «Սոխի մառանի» թանկարժեք արտասուքները։

Տնօրեն Շմուհը ևս երբեք սոխի գլխի օգնությանը չէր դիմում։ Ճնճղուկները, որոնց վրա նա ազատ ժամանակ կրակում էր թփերում ու կանաչ ցանկապատներում, նրան լիարժեք փոխարինում էին տալիս։ Մի՞թե չէին լինում դեպքեր, և բավականին հաճախ, որ Շմուհը կրակելուց հետո տասներկու խփված ճնճղուկներին շարեր թերթի կտորի վրա, լաց լիներ հաճախ դեռ տաք փետուրների կույտի վրա և, լաց լինելը չընդհատելով, ռեյնյան մարգագետիններով ու գետափնյա ավազով մեկ թռչնի կեր շաղ տար։ Բացի այդ, հենց անձամբ սոխի հաստատությունն էր նրան իր ողբը արտահայտելու հնարավորություն ընձեռում։ Նրա մոտ սովորություն էր դարձել շաբաթը մեկ անգամ զուգարաններին կցված հավաքարարուհուն կոպտորեն անպատվելը, նրա վրա այնպիսի, հաճախ հնաոճ հայհոյանքներով, ինչպես՝ պոռնիկ, կնկա անեծք, քաշ եկող, աննորմալ, ապուշ։ «Աչքիցս չքվի՛ր, ― ոռնում էր Շմուհը, ― գարշելի արարա՛ծ»։ Նա իր հավաքարարուհիներին վռնդում էր, նորերին էր վարձում, սակայն որոշ ժամանակ անց նրա մոտ առաջ էին գալիս դժվարություններ, որովհետև նա այլևս չէր կարողանում նոր հավաքարարուհիներ գտնել և ստիպված էր լինում վարձել նրանց, որոնց նա արդեն մի անգամ, կամ շատ անգամ, վռնդել էր։ Հավաքարարուհիները հաճույքով էին վերադառնում «Սոխի մառան», քանի որ այնտեղ լավ էին վարձատրում՝ նամանավանդ, որ տնօրենի անեծքների մեծ մասը նրանք ուղղակի չէին էլ հասկանում։ Արտասուքների պատճառով հյուրերն ավելի շատ էին մտախոհության խցիկներ այցելում, քան մյուս հաստատություններում, դրան ավելացրած՝ արտասովող մարդը մշտապես ավելի շռայլ է, քան չոր աչքերով մարդը։ Ձեռքներն իրենց դրամապանակների մեջ առանձնապես խորն էին մտցնում տղամարդիկ, երբ կարմրած, ուռած, լայնացած դեմքերով «մեկ րոպեով» դուրս էին գալիս։ Դրան գումարած հավաքարարուհիները նրանց վրա հանրահայտ սոխի նախշով և անկյունագծով «Սոխի մառան» գրությամբ թաշկինակներ էին վաճառում։ Թաշկինակները հետաքրքիր տեսք ունեին, նրանք պիտանի էին ոչ միայն արտասուքները սրբելու, այլ նաև գլխին դնելու համար։ Արական սեռի հյուրերը թաշկինակները տալիս էին վերակարման, որպեսզի քառանկյունիներից եռանկյուն պատվադրոշ ստացվեր, դրանք կախում էին իրենց մեքենաների ետևի ապակուն և ամռան ամիսներին Շմուհի «Սոխի մառանը» տանում էին Փարիզ, Լազուրե ափ, Հռոմ, Ռիմինի և, նույնիսկ, դեպի հեռավոր Իսպանիա։

Եվ մենք՝ երաժիշտներս ու մեր երաժշտությունը, մի խնդիր էինք լուծում․ սակավ դեպքերում, հատկապես երբ հյուրերից ոմանք գրեթե միաժամանակ իրար ետևից երկու սոխի գլուխ էին կտրատում, պատահում էին ճեղքվածքներ, որոնք ունակ էին օրգիաների վերափոխվել։ Մի կողմից Շմուհը չէր խրախուսում ամեն կարգի պատնեշների նման փլուզումը, և հենց որ տղամարդկանցից ոմանք սկսում էին թուլացնել իրենց փողկապների հանգույցները, իսկ կանանցից ոմանք՝ մատներով քաշքշել իրենց բլուզների կոճակները, հրամայում էր տալ երաժշտություն, սկսվող անարգությունները դիմավորել երաժշտությամբ, չնայած, մյուս կողմից, հատկապես Շմուհն էր՝ մինչև մի ինչ֊որ որոշակի միջնակետ, որ հարթում էր դեպի Օրգիա տանող ճանապարհը՝ առավել ենթարկվող հյուրեին անմիջապես առաջինից հետո սոխի երկրորդ չափաբաժինը տալով։

Ինձ հայտնի ճեղքումներից ամենահայտնին, որը երբևիցե վերապրել է «Սոխի մառանը», Օսկարի համար պետք է դառնար եթե ոչ կյանքի շրջադարձային կետ, ապա գոնե առնվազն վճռորոշ իրադարձություն։ Շմուհի կինը՝ կենսասեր Բիլլին, հաճախ չէր գալիս մառան, իսկ եթե գալիս էլ էր, ապա ընկերների հետ, որոնք անչափ ու անչափ Շմուհի սրտովը չէին։ Այսպես, մի անգամ նա իր հետ բերեց երաժշտական քննադատ Վոդեին, ինչպես նաև ճարտարապետ ու ծխամորճ ծխող ոմն Վաքերլեյի։ Երկու պարոններն էլ մտնում էին «Սոխի մառանի» մշտական հյուրերի ցանկի մեջ, սակայն բավական տաղտկալի դժբախտություն կրող էին, Վոդեն կրոնական պատճառներով էր արտասվում՝ նա ոչ այն է ուզում էր կրոնը փոխել, ոչ այն է՝ արդեն մեկ անգամ փոխել էր և այժմ ուզում էր փոխել երկրորդ անգամ, իսկ ծխամորճներ ծխող Վաքերլեյը արտասվում էր պրոֆեսորության պատճառով, որից, հանուն մի տարօրինակ դանիուհու, հրաժարվել էր քսանական թվերին, իսկ դանիուհին վերցրել ու ուրիշի հետ էր ամուսնացել, լատինաամերիկացու հետ, նրա հետ մեկտեղ վեց հատ երեխա ունեցել, և դա տառապանք էր պատճառում Վաքերլեյին, և դրանից նրա ծխամորճը կրկին ու կրկին էր հանգչում։ Հատկապես չարանենգությունից ոչ զուրկ Վոոդեն էր, որ Շմուհի տիկնոջը դրդեց նույնպես սոխ կտրատել։ Վերջինս կտրատում էր, լցվում արտասուքներով ու թափով գնում առաջ, կինը սկսեց խայտառակել տնօրենին, պատմել այնպիսի բաների մասին, որոնց մասին Օսկարը կլռի զուտ նրբանկատությունից դրդված, այնպես որ, երբ Շմուհը ցանկացավ հարձակվել իր կնոջ վրա, անհրաժեշտ եղավ ամենաամրակզմ տղամարդկանց միջամտությունը․ չէ՞ որ այդ սեղանների վրա խոհանոցային սուր դանակներ էին դրված։ Գազազած Շմուհին բռնած պահեցին այնքան ժամանակ, մինչև որ թեթևամիտ Բիլլին իր ընկերներ Վոոդեի ու Վաքերլեյի հետ անհետացավ։

Շմուհը ալեկոծված էր ու վիրավորված։ Ես դա տեսնում էի նրա պարող ձեռքերից, որոնցով նա ժամանակ առ ժամանակ ուղղում էր կաշնեն։ Նա բազմաթիվ անգամ անհետացավ վարագույրների ետևում, անպատվեց հավաքարարուհուն, ի վերջո վերադարձավ լիքը լցված զամբյուղով և ջղաձիգ, շինծու ուրախությամբ հյուրերին հայտնեց, որ իրեն՝ Շմուհին, պատել է հրաշալի բանաստեղծականությունը և ի պատիվ դրա ինքը մտադիր է այժմ սոխի գլուխները բաժանել անվճար, ինչից անմիջապես հետո անցավ բաժանելուն։

Նույնիսկ Կլեփը, որի համար ցանկացած, ամենաճնշող մարդկային իրավիճակը ընդամենը հրաշալի կատակ էր, եթե նույնիսկ մտածմունքի մեջ չընկավ, ապա մոտ եկավ և արդեն պատրաստ էր պահել իր ֆլեյտան։ Չէ՞ որ մենք հասկանում էինք, թե որքան վտանգավոր էր այդ զգացմունքային ու նրբազգաց հասարակությանը ներկայանում գրեթե առանց ընդմիջման երկրորդ անգամ անզուսպ արտասուքներին տրվելու հնարավորությունը։

Շմուհը զարմացած, որ մենք մեր գործիքները պատրաստ վիճակում ենք պահել, արգելեց մեզ նվագել։ Սեղանների վրայի խոհանոցային դանակները սկսեցին իրենց մանրակտրտման գործունեությունը։ Առաջին, ամենագեղեցիկ, վարդածառի գույնի շերտերը անփութորեն հրվեցին մի կողմ։ Այժմ դանակի տակ ընկավ սոխի գլխի՝ ապակու տեսք ունեցող միջուկը իր սփրթնած֊կանաչ երակներով։ Լացը տարօրինակ կերպով տիկնանցից չսկսվեց։ Ուժերի ամենածաղկուն շրջանում գտնվող տղամարդիկ՝ մեծ ջրաղացի տնօրենը, հյուրանոցի տնօրենը իր փոքր֊ինչ շպարված ընկերոջ հետ, ձեռնարկության բարձրակարգ ներկայացուցիչը, տղամարդկանց հագուստի ֆաբրիկատերերի մի ողջ սեղան, որոնք բոլորը քաղաք էին եկել կառավարության անդամների հետ հանդիպման, և մազերից զուրկ այն դերասանը, որին մենք մեր միջավայրում Կրճտացնող էինք անվանում, որովհետև նա անընդհատ ատամներով կրճտացնում էր, երբ լաց էր լինում, մի խոսքով, նրանք բոլորը սկսեցին արտասուք թափել ավելի վաղ, քան նրանց քաջալերեցին կանայք։ Սակայն տիկնայք և պարոնայք տրվեցին ոչ այն թեթևացնող արտասուքին, որը նրանց մոտ առաջ էր բերում առաջին սոխի գլուխը, ընդհակառակը, այժմ նրանց ցնցում էին ջղային հեկեկոցները․ սարսափելի կրճտացնում էր Կրճտացնողը՝ նմանվելով դերասանի նմուշի, որն ունակ էր ցանկացած հանդիսատեսի դրդել իր հետ կրճտացնելու գործողության, ջրաղացային ձեռնարկության տնօրենն իր ալեհեր հարդարված գլուխը մերթ ընդ մերթ հարվածում էր պատին, հյուրանոցի տնօրենը իր ջղաձիգ հեկեկոցները խառնել էր իր քնքուշ ընկերոջ հեկեկոցներին։ Շմուհը, որը կանգնած էր նավասանդուղքի մոտ, այլևս իր կաշնեի ծայրերը չէր հավաքում և, ոչ առանց գաղտնի հաճույքի, հետևում էր արդեն կիսով չափ սանձարձակացած հասարակությանը։ Իսկ այդ ժամանակ մի ինչ֊որ ծեր տիկին իր փեսայի աչքերի առաջ պատռեց սեփական բլուզը։ Եվ հանկարծ հյուրանոցի տնօրենի ընկերը, որի որոշ չափով անսովոր արտաքինը առանց այդ էլ իր վրա ուշադրություն էր գրավում, մերկացնելով բնական արևառությմբ պատված իրանը, թռավ մի սեղանի վրա, այնուհետև թռավ մի ուրիշի վրա ու սկսեց պարել այնպես, ինչպես հավանաբար Արևելքում են պարում և դրանով բացված համարեց օրգիայի սկիզբը, որը չնայած բավական բուռն սկիզբ ունեցավ, սակայն գաղափարների անբավարարության կամ դրանց ցածրաճաշակության պատճառով մանրամասն նկարագրության արժանի չէ։

Հիասթափված էր ոչ միայն Շմուհը, Օսկարը ևս արհամարհանքով բարձրացրեց հոնքերը։ Մի քանի հաճելիությունից ոչ զուրկ մերկացումներ, տղամարդիկ իրենց վրա կանացի սպիտակեղեն էին կպցնում, ամազոնուհիները փողկապներից ու շալվարակալներից էին բռնվում, այստեղ ու այնտեղ զույգերն առանձնանում էին սեղանի տակ և էլի թերևս արժի հիշատակել Կրճտացնողին, որն ատամներով պատառոտեց կրծկալը, այն ծամեց և կարծես նույնիսկ մի քիչ էլ կուլ տվեց։

Հնարավոր է, որ այդ սարսափելի աղմուկը, այդ «ա֊ա֊ա֊ախ»֊երը և, «օ֊օ֊օ»֊խերը, որոնց ետևում ըստ էության ոչինչ չէր թաքնվում, Շմուհին, որը հիասթափված էր և, հավանաբար, զգուշանում էր ոստիկանությունից, դրդեցին թողնել աստիճանների մուտքի իր տեղը։ Նա կռացավ մեր՝ կիսածածկի տակ նստածներիս կողմը, հրեց սկզբում Կլեփին, հետո ինձ ու շշնջաց։

― Երաժշտությո՛ւն։ Ես ձեզ ասում եմ նվագեք, երաժշտություն։ Ժամանակն է վերջ տալ այս իրարանցումին։

Սակայն պարզվեց, որ Կլեփը, լինելով ոչ պահանջկոտ, տեղի ունեցողը չափազանց հետաքրքրաշարժ համարեց։ Ծիծաղը ցնցում էր նրան և խանգարում, որպեսզի ֆլեյտան ձեռքը վերցնի։ Շոլլեն, որը Կլեփին համարում էր իր ուսուցիչը, ամեն ինչում նմանակում էր նրան, այդ թվում և ծիծաղի մեջ։ Մնում էր միայն Օսկարը, իսկ ինձ վրա արդեն Շմուհը կարող էր հույս դնել։ Ես նստարանի տակից հանեցի թմբուկս, անտարբերությամբ ծխեցի, պրծա սիգարետս և սկսեցի թմբկահարել։

Առանց որևիցե նախնական ծրագրի ես իմ թիթեղի հետ խոսեցի հասկանալի լեզվով՝ մոռանալով նման հաստատությունների համար միօրինակ երաժշտության մասին։ Եվ ամենևին էլ ջազ չէր այն, ինչը նվագում էր Օսկարը։ Ես ընդհանրապես չեմ էլ սիրում, երբ մարդիկ ինձ խելահեղ թմբկահարի տեղ են ընդունում։ Չնայած ես բավականին արհեստավարժ թմբկահար եմ համարվում, ինձ պետք չի զտարյուն ջազմենի տեղ դնել։ Ես սիրում եմ ջազային երաժշտություն, ինչպես սիրում են, օրինակ, վիեննական վալսը։ Ես կարող էի նվագել թե՛ մեկը, թե՛ մյուսը, սակայն չարեցի։ Երբ Շմուհը ինձ խնդրեց գործի դնել իմ թմբուկը, ես սկսեցի նվագել ոչ թե այն, ինչ կարող էի, այլ այն, ինչ ընկալել էի սրտով։ Օսկարին հաջողվեց փայտիկները դնել երբեմնի երեքամյա Օսկարի ձեռքերի մեջ։ Ես փայտիկներով անցա հին ճանապարհներով, երեք տարեկանի դիրքերից լայն բացեցի աշխարհը։ Ես նրան տարա Պոսադովսկիվեգ փողոցում գտնվող Քաուրեր մորաքրոջ մանկապարտեզը։ Դրանով հասա այն բանին, որ նրանց ծնոտները կախվեցին, որ նրանք բռնեցին իրար թաթիկներ, տոտիկները ծռելով պարզեցին առաջ և այդ տեսքով սպասում էին իրենց առնետներին։ Եվ ես լքեցի արահետի տակի տեղը, ստանձնեցի ղեկավարի դերը, նախ և առաջ տիկնանց ու պարոններին տեղեկացրի՝ «Ինչպես ինչ֊որ մեկի տարեդարձին մենք բոքոն թխեցինք», սակայն հենց որ համընդհանուր մանկական ուրախության տեսքով անկասկած հաջողությունը նշեցինք, ես անմիջապես նրանց նաև անհաղթահարելի վախ ներշնչեցի՝ «Որտե՞ղ է մեր խոհարարուհին, սև խոհարարուհին» թմբկահարելով։ Ավելին, ես թույլ տվեցի նրան՝ այն մեկին, որը նախկինում միայն հազվադեպ, իսկ այսօր ավելի ու ավելի հաճախ, հենց ինձ է վախեցնում, որ «Սոխի մառանում» վայրագություններ անի, հսկայական չափսեր ունեցողին, ագռավի թևի պես սևին, բոլորի համար պարզորոշին և հասա նրան, ինչին տնօրեն Շմուհը իր սոխի գլուխների շնորհիվ էր հասնում․ տիկնայք ու պարոնայք արտասվում էին կլոր, մանկական արցունքներով։ Սարսափելի վախենում էին, դողալով խնդրում էին ինձ խղճալ իրենց, և այդ ժամանակ ես, որպեսզի նրանց հանգստացնեմ, որպեսզի նրանց օգնեմ կրկին հագնելու իրենց սպիտակեղենն ու հագուստը, իրենց ոսկին ու թավիշը, թմբկահարեցի․ «Ախր սուտ ես ասում, սուտ, բալիկս, սուտ ես ասում, շատ լավն է գույնը իմ, իսկ վատը դա երկնագույնն է», և «կարմիրն է վատ», և «դեղինն է վատ», և «կանաչն է վատ», մի խոսքով, անցա բոլոր գույներն ու բոլոր երանգները, մինչև որ կրկին դեմ֊դիմաց հայտնվեցի պարկեշտ հագած հասարաության հետ, մանկապարտեզի սաներին ստիպեցի շարվել իրար ետևից և նրանց անկացրեցի ողջ մառանի միջով, կարծես թե դա ոչ թե մառան, այլ Յեշկենթալերվեգ էր, կարծես Գուտենբերգի սարսափ ներշնչող հուշարձանը, կարծես Յոհաննեսվիզեի վրա իսկական գորտնուկներ էին ծաղկում, որոնք տիկնանց ու պարոններին թույլ էր տրվում մանկական ուրախություններ քաղել։ Իսկ հետո, որպեսզի բոլոր ներկաների և հենց Շմուհի վրա թողնեմ այն օրվա հիշողությունը, որն անցկացրել են մանկապարտեզում խաղալիս, թույլ տվեցի, որպեսզի նրանք ջուր թափեն իմ թմբուկի վրա, ասացի՝ մենք հենց մոտենում ենք Սատանայի մութ կիրճին, ճանապարհին հաճարենու ընկույզներ հավաքելով, իսկ այժմ, երեխաներ, կարելի է, ինչից հետո նրանք ջուր թափեցին, բավարարեցին իրենց մանկական պահանջմունքը։ Միզեցին, բոլորը միզեցին, տիկնայք ու պարոնայք միզեցին, տնօրեն Շմուհը միզեց, իմ ընկերներ Կլեփը ու Շոլլեն միզեցին, նույնիսկ մեզանից հեռու գտնվող զուգարաններին կից հավաքարարուհին միզեց, նրանք թրջեցին իրենց վարտիքները և այդ անելիս պպզած նստեցին՝ ականջ դնելով իրենց։ Միայն երբ ավարտվեց այդ երաժշտությունը, Օսկարն ընդամենը թեթևակի, շատ քիչ էր ուղեկցում մանկական նվագախմբին, ես մեծ ու անմիջական հարվածով փոթորկոտ խրախճանքի մեջ կոչ արեցի․


Ապակի֊բաժակ֊ըմպանակ

Շաքար կա, գարեջուր չկա, ափսոս,

Տիկին ձյունահողմը կայրի իր լապտերը

Ու կնստի դաշնամուրի դիմաց։


Անզուսպ, ճչացող, հռհռացող, բլբլացնող երեխաների խմբին տարա նախ հանդերձարան, որտեղ ապշած մորուքավոր ուսանողը մանկության մեջ ընկած հյուրերին հանձնեց վերարկուները։ Այնուհետև թմբուկի թմբկահարումով նրանց բետոնե աստիճաններով ուղարկեցի դեպի վեր, քուրքով դռնպանի կողքով, «Բալալայկան մեջքին դրած, բժիշկը գնում է ժամադրության» սիրված երգով դեպի փողոց։ Եվ հեքիաթային ձևով՝ կարծես պատվերով, շաղ տված աստղերի ներքո, ես արձակեցի պարոններին ու տիկնանց, որոնք դեռ երկար ժամանակ Հին քաղաքում մանկական անվայելուչ արարքներ էին կատարում, չէին կարողանում գտնել տուն տանող ճանապարհը, մինչև որ ոստիկանները նրանց օգնեցին կրկին հիշել իրենց տարիքը, իրենց արժանապատվությունը և իրենց հեռախոսի համարը։

Իսկ ես՝ հռհռացող, թիթեղը շոյող Օսկարս, վերադարձա «Սոխի մառան», որտեղ Շմուհն առաջվա նման ծափ էր տալիս, կանգնած էր թաց վարտիքով, ոտքերը չռած և, թվում էր, թե Քաուեր մորաքրոջ մանկապարտեզում իրեն ավելի վատ չի զգում, քան հռենոսյան մարգագետիններում, որտեղ նա, արդեն որպես մեծահասակ Շմուհ, ճնճղուկներ էր որսում։


Ատլանտյան ծովապատնեշի մոտ կամ բունկերները այդպես էլ չեն կարողանում իրենց բետոնից ազատվել

Ես ընդամենը ուզում էի օգնել մառանի տնօրեն Շմուհին։ Իսկ ահա նա այդպես էլ չկարողացավ ինձ ներել թմբուկով իմ ուժեղ ելույթի համար, որը նրա չափազանց վճարունակ հյուրերին դարձրեց բլբլացնող, անհոգ և ուրախ՝ չնայած վարտիքների մեջ միզող և այդ իսկ պատճառով արտասվող երեխաների, ի միջի այլոց, առանց սոխի արտասվող։

Օսկարը ձգտում էր հասկանալ Շմուհին։ Պե՞տք է, արդյոք, նա զգուշանար իմ մրցակցությունից, երբ հյուրերը կրկին ու կրկին մի կողմ էին հրում ավանդական սոխի գլուխները և պահանջում էին Օսկարին, նրա թմբուկը, ինձ, որ ունակ էի դյութանքներով իմ թիթեղի օգնությամբ նրանց մոտ հրավիերլ ցանկացած հյուրի անցյալը, ինչպիսի զառամյալ տարիքի էլ նա հասած լիներ։

Եթե մինչ այժմ Շմուհը առանց նախազգուշացման աշխատանքից ազատում էր միայն իր հավաքարարուհիներին, ապա այժմ ազատեց մեզ՝ իր երաժիշտներին և ջութակահար վարձեց, որին միայն մեծ չափազանցությամբ կարելի էր գնչուի տեղ ընդունել։

Սակայն քանի որ մեր արտաքսումից հետո մառանի հյուրերից շատերը, ընդ որում ամենալավերը, սպառնում էին այսուհետ հրաժարվել այցելություններից, մի քանի շաբաթ անց Շմուհը բարեհաճեց գնալ փոխզիջման, շաբաթական երեք երեկո ճզվզոց էր հանում ջութակահարը, երեք երեկո նվագում էինք մենք, ընդ որում, պահանջեցինք և ստացանք ավելի բարձր հոնորար, ամեն երեկոյի համար քսան մարկ, դրանից բացի, դրամական մանր նվերներն էլ էին դառնում ավելի առատ, Օսկարը նույնիսկ խնայողական գրքույկ ձեռք բերեց և ուրախանում էր տոկոսների նախաշեմին։

Այդ գրքույկը կոչված էր մոտ ապագայում ինձ համար փրկիչ փայտիկ դառնալ, քանզի եկավ մահը և մեզանից խլեց մեր տնօրեն Ֆերդինանդ Շմուհին, մեզ զրկեց աշխատանքից ու աշխատավարձից։

Շատ ավելի վաղ ես ասում էի․ Շմուհը ճնճղուկներ է սպանում։ Երբեմն նա մեզ տանում էր իր հետ, մեզ նստեցնում էր իր «Մերսեդեսը», որպեսզի մենք կարողանայինք տեսնել, թե ինչպես է նա կրակում ճնճղուկներին։ Չնայած իմ թմբուկի պատճառով պատահական բաժանումներին, որոնցից տուժվում էին նաև Կլեփն ու Շոլլեն, որոնք պաշտպանում էին ինձ, Շմուհի և նրա երաժիշտների հարաբերությունները մնում էին ընկերական, մինչև որ, ինչպես արդեն ասվեց, եկավ մահը։

Մենք մեքենա նստեցինք։ Ղեկին, ինչպես միշտ, Շմուհի կինն էր։ Նրա կողքին՝ Կլեփը, Շմուհը՝ Օսկարի և Շոլլեի միջև։ Իր մանր տրամաչափի հրացանը Շմուհը պահել էր ծնկներին և ժամանակ առ ժամանակ շոյում էր։ Մենք հասանք գրեթե մինչև Կայզերվերտ։ Հռենոսի երկու կողմերում ծառերից վարագույրներ են։ Շմուհի կինը մնաց մեքենայի մեջ և բացեց թերթը։ Մինչ այդ Կլեփն իր համար չամիչ էր գնել ու պլանաչափորեն այն կլանում էր։ Շոլլեն, որը մինչև կիթառահար դառնալը ինչ֊որ բան էր ուսումնասիրել, կարողանում էր Հռենոսին նվիրված անգիր բանաստեղծություններ արտասանել։ Ընդ որում, Հռենոսն էլ իրեն չափազանց բանաստեղծականորեն էր դրսևորում և, չնայած ըստ օրացույցի դեռ ամառ էր, իր վրա ոչ միայն բեռնանավեր էր տանում, այլև աշնանային տերևներ, որոնք ալիքների վրա օրորվում էին Դույսբուրգի ուղղությամբ, այնպես, որ եթե Շմուհի մանր տրամաչափի հրացանը ժամանակ առ ժամանակ մեկ, երկու բառ արտասաներ, Կայզերվերտի արվարձանում օրը կարելի էր լիովին խաղաղ օր անվանել։

Մինչ Կլեփը իր չամիչը հաղթահարեց և սկսեց խոտի վրա իր ձեռքերը սրբել, Շմուհը ևս ավարտեց իր գործը։ Տասնմեկին մոտ արդեն նա փետուրների սառը գնդի ձեռով թերթի վրա դրեց տասներկուերրորդին, նրա խոսքով, դեռ թպրտացողին։ Հրաձիգն արդեն տեղավորում էր իր ավարը՝ քանզի բացարձակապես անհասկանալի պատճառով Շմուհը տուն էր տանում այն ամենը, ինչը կրակելով սպանում էր, երբ շատ մոտ, մոտակա կոճղարմատի վրա իջավ ճնճղուկը, այնքան ցուղադրաբար իջավ, այնքան մոխրագույն էր, մի խոսքով, ճնճղուկի չափանմուշ, որ Շմուհը չկարողացավ տեղում կանգնած մնալ, նա, ով մեկ օրվա մեջ երբեք տասներկուսից ավելի ճնճղուկ չէր սպանել, սպանեց տասներեքերորդին, իսկ ահա այդ բանը նա չպետք է աներ։

Այն բանից հետո, երբ նա տասներեքերորդին դրեց մնացած տասներկուսի մոտ, մենք հեռացանք։ Շմուհի կնոջը մենք գտանք սև «Մերսեդեսի» մեջ քնած։ Սկզբում նստեցին Շմուհը ու Կլեփը՝ ետևի նստատեղին։ Ես ևս պետք է նստեի, սակայն դա չարեցի, ես նրանց ասացի, որ ուզում եմ մի քիչ էլ զբոսնել, իսկ հետո կգնամ տրամվայով, և նրանք թող իմ համար չանհանգստանան․ ահա այդպես, առանց Օսկարի, որը շրջահայացորեն մեքենա չնստեց, նրանք մեկնեցին դեպի Դյուսելդորֆ։

Իսկ ես դանդաղ քայլեցի նրանց ետևից։ Սակայն ես ստիպված չեղա երկար գնալ։ Ճանապարհային աշխատանքների պատճառով այնտեղ շրջանցիկ ճանապարհն անցնում էր խճաքարի ավազահանքի կողքով։ Իսկ ավազահանքի մեջ, որը խճուղու մակարդակից մոտ յոթ մետր ցածր էր, անիվներով դեպի վեր ընկած էր սև «Մերսեդեսը»։

Ճանապարհային բանվորները մեքենայից հանում էին Շմուհի դին և երեք վիրավորներին։ «Շտապ օգնության» մեքենան արդեն ճանապարհին էր։ Ես կոշիկներիս մեջ լի ու լի խճաքար հավաքելով, իջա ավազահանք, փոքր֊ինչ հոգ տարա վիրավորների մասին, թեպետ նրանք, չնայած ցավին, հարցեր էին տալիս, չասացի, որ Շմուհը զոհվել է։ Նա ապակիացած ու զարմացած հայացքով նայում էր երկնքին, որը երեք չորրորդով ծածկված էր ամպերով։ Այդ օրվա ավարով թերթը մեքենայից դուրս էր ընկել։ Ես հաշվեցի ընդամենը տասներկու ճնճղուկ, տասներեքերորդին սակայն չկարողացա գտնել և շարունակեցի փնտրել, նույնիսկ երբ ավազահանք իջեցրին «Շտապ օգնության» մեքենան։

Շմուհի կինը, Կլեփը և Շոլլեն գլուխները պրծացրին թեթև վնասվածքներով․ կապտուկներ, երկու֊երեք կոտրված կողոսկրեր։ Երբ ավելի ուշ ես հիվանդանոցում այցելեցի Կլեփին և սկսեցի այդ դժբախտ պատահարի մասին հարց ու փորձ անել, նա ինձ զարմանահրաշ պատմություն պատմեց․ երբ նրանք դանդաղ շարժվում էին քարուքանդ եղած շրջանցիկ ճանապարհով, ավազահանքի կողքով, թփերի, կենդանի ցանկապատների, ծառերի միջից հանկարծ թռան եկան մոտ հարյուր, ինչ հարյուր, հարյուրավոր ճնճղուկներ, նրանք բոլոր կողմերից շրջապատեցին «Մերսեդեսը», նրանք իրենց խփում էին դիմային ապակուն, վախեցրին Շմուհի կնոջը և զուտ միայն ճնճղուկային ուժով առաջ բերեցին դժբախտ պատահարը և տնօրեն Շմուհի մահը։

Կլեփի այս պատմությանը տարբեր կերպ կարելի է վերաբերվել․ Օսկարը հոռետեսորեն է վերաբերվում, նամանավանդ, որ Շմուհի թաղման ժամանակ, Հարավային գերեզմանատանը նա ավելի շատ ճնճղուկներ չհաշվեց, քան մի տարի առաջ, երբ դեռ որպես քարհատ ու գրանիտագործ, գերեզմանաքարերով էր շրջապատված։

Սակայն դրա փոխարեն վարձով վերցրած ցիլինդրով թաղման թափորի մեջ դագաղի ետևից գնալով, ես իններորդ հատվածում տեսա քարհատ Քորնեֆին, որն ինձ անծանոթ օգնականի հետ երկու հոգու գերեզմանի համար դիաբազե սալաքար էր տեղափոխում։ Երբ տնօրեն Շմուհին դագաղով տանում էին քարհատի կողքով դեպի նոր յուրացված տասներորդ հատվածը, վերջինս, գերեզմանատնային կարգի համաձայն, հանեց գլխարկը, սակայն ինձ չճանաչեց, միգուցե ցիլինդրի պատճառով։ Միայն պարանոցը շփեց, ինչն ինձ թույլ տվեց հետևություն անել հասունացած կամ գերհասունացած մկնոռախտերի առկայության վերաբերյալ։

Թաղումներ։ Ես ձեզ արդեն այնքան գերեզմանատներ եմ տարել և հիշում եմ, ինչ֊որ ժամանակ ասացի․ մի թաղումը նման է մյուսին, այդ իսկ պատճառով չեմ սկսի ձեզ նկարագրել Շմուհի թաղումը և թաղման ժամանակ դեպի անցյալն ուղղված Օսկարի մտքերը։ Շմուհը հողի մեջ մտավ, պառկեց այնպես, ինչպես կարգն էր և այդ ընթացքում որևէ արտասովոր բան տեղի չունեցավ՝ չնայած ձեզանից չեմ թաքցնի, որ թաղումից հետո ժողովուրդը իրեն լիովին անկաշկանդ էր պահում, քանի որ այրին պառկած էր հիվանդանոցում՝ ինձ հետ խոսակցություն սկսեց մի ոմն պարոն, որը ներկայացավ որպես բժիշկ Դյոշ։

Բժիշկ Դյոշը համերգային գործակալության ղեկավար անձ էր հանդիսանում։ Սակայն գործակալությունը որպես այդպիսին նրան չէր պատկանում։ Դրանից բացի, պարոն Դյոշն իրեն «Սոխի մառանի» նախկին այցելու անվանեց։ Չնայած ես նրան այնտեղ երբեք չէի տեսել։ Այնուամենայնիվ, նա ներկա էր, երբ ես Շմուհի հյուրերին վերածեցի բլբլացող, երանելի փոքրահասակների։ Բացի այդ, անձամբ դոկտոր Դյոշը ևս, ինչպես նա մտերմաբար ինձ հայտնեց, իմ թմբուկի ազդեցության ներքո վերադարձավ մանկության երանելի տարիները, իսկ այժմ ցանկանում էր ինձ ու իմ, ինչպես նա ասաց, «թունդ համարը» մատուցել բարձր մակարդակով։ Նա լիազորված է ինձ առաջարկել համաձայնագիր, բարձրակարգ համաձայնագիր, և ես կարող եմ հենց հիմա, առանց տեղիցս շարժվելու ստորագրել այն։ Դիակիզարանի դիմաց, որտեղ Լեո Խենթուկը, որին Դյուսելդորֆում Բիլլի Փսլնքոտ էին անվանում, սպիտակ ձեռնոցներով սպասում էր թաղման թափորին, դոկտոր Դյոշը ինչ֊որ մի թուղթ հանեց, որը չլսված հոնորարների դիմաց ինձ պարտավորեցնում էր մեծ համերգասրահներում մենահամերգներով ելույթ ունենալ որպես Օսկար֊թմբկահար, բեմի վրա մեն֊մենակ՝ երկու֊երեք հազար հանդիսատեսների առջև։ Դյոշը սաստիկ վշտանում էր, որ ես չեմ ցանկանում հենց այստեղ ու անմիջապես պայմանագիր ստորագրել։ Ես պատճառ բռնեցի Շմուհի մահը, ասացի, թե քանի որ կենդանության օրորք Շմուհը ինձ հետ շատ մոտ էր, ես չեմ կարող հենց այստեղ, գերեզմանատանը, նոր գործատու փնտրել։ Ես ուզում եմ այդ առաջարկը մի լավ վերլուծել, հնարավոր է, մի փոքրիկ ճամբորդություն ձեռնարկել, ինչից հետո մտնել նրա՝ պարոն Դյոշի մոտ և այդ ժամանակ արդեն, եթե մենք գանք համաձայնության, ստորագրել այն, ինչը նա աշխատանքային պայմանագիր է անվանում։

Չնայած ես գերեզմանատանը ոչ մի պայմանագիր էլ չստորագրեցի, Օսկարն իր համար անհրաժեշտ համարեց սեփական ֆինանասկան վիճակի անորոշության պատճառով ստանալ ու թաքցնել կանխավճարը, որը վերոհիշյալ դոկտոր Դյոշը այցետոմսի հետ մեկտեղ նրբանկատորեն ինձ հանձնեց արդեն գերեզմանատան սահմաններից դուրս կանգառում, որտեղ նա կանգնեցրել էր իր ավտոմեքենան։

Ես իսկապես էլ ուղևորություն կատարեցի և նույնիսկ ինձ ընկերակցողներ գտա։ Ճիշտն ասած, ես կնախնտրեի Կլեփի հետ ճանապարհորդել, սակայն նա պառկած էր հիվանդանոցում, և նրան չէր կարելի ծիծաղել, որովհետև կոտրել էր իր չորս կողոսկրերը։ Ոչ պակաս հաճույքով ես կհրավիրեի Մարիային, արձակուրդները դեռ չէին ավարտվել, մենք կարող էինք փոքրիկ Կուրտին վերցնել մեզ հետ։ Սակայն նա մինչև այժմ կապի մեջ էր իր շեֆ Շտենցելի հետ, որը թույլ էր տալիս, որ փոքրիկ Կուրտը նրան «Շտենցել հայրիկ» անվանի։

Դե ես էլ մեկնեցի նկարիչ Լանքեսի հետ։ Դու ք նրան արդեն գիտեք որպես ավագ եֆրեյտոր Լանքեսի, ինչպես նաև որպես մուսա Ուլլայի ժամանակավոր փեսացուի։

Կանխավճարն ու խնայողական գրքույկը գրպանումս դրած, գալով նկարիչ Լանքեսի մոտ՝ Զիտարդերշտրասե, որտեղ նրա արվեստանոցն էր, ես հույս ունեի այնտեղ գտնել իմ նախկին գործընկերուհուն՝ մուսա Ուլլային, քանի որ հենց նրա հետ էի ուզում ճանապարհորդել։

Ուլլային ես գտա նրա տանը։ Արդեն երկու շաբաթ առաջ, ինչպես ինքը ինձ տեղեկացրեց դռների մեջ, նրանք նշանվել էին։ Արդեն անհնար էր ավելի երկար մնալ Հենսխեն Կրագեսի մոտ, հարկ եղավ չեղյալ հայտարարել նշանդրեքը։ Ի դեպ, արդո՞ք ճանաչում եմ Հենսխեն Կրագեսին։

Ուլլայի վերջին փեսացուին Օսկարը չգիտեր, այդ առիթով հայտնեց իր մեծագույն ափսոսանքը, այնուհետև արեց համատեղ ուղևորության վերաբերյալ իր շռայլ առաջարկը, սակայն ստացվեց այնպես, որ վրա հասած նկարիչ Լանքեսն ավելի շուտ, քան Ուլլան պատասխանեց համաձայնությամբ, ինքն իրեն որպես ուղեկից փաթաթեց Օսկարի վզին՝ իսկ մուսային, երկարոտն մուսային, ապտակներով կերակրեց այն բանի համար, որ նա չի ցանկանում մնալ տանը, ինչից Ուլլան արտասվեց։

Սակայն Օսկարը, ինչո՞ւ Օսկարը չէր դիմադրում։ Ինչո՞ւ նա, որ պատրաստվում էր գնալ մուսայի հետ, չբռնեց նրա կողմը։ Որքան էլ նա իրեն գեղեցիկ պատկերեր գերսլացիկ, բաց գույնի աղվամազով պատված մուսայի հետ կողք կողքի ուղևորությունը, նրա հետ չափից դուրս սերտ համատեղ կյանքը այնուամենայնիվ վախեցնում էր ինձ։ Մուսաների հետ անհրաժեշտ է տարածություն պահպանել, եթե ոչ մուսայի համբյուրը կարող է քեզ համար փոխարկվել ընտանեկան սովորության։ Այդ դեպքում ավելի լավ է ես գնամ նկարիչ Լանքեսի հետ, որը ծեծում է իր մուսային, երբ վերջինս ուզում է նրան համբուրել։

Այն մասին, թե ուր ենք մենք գնալու, երկար բանավեճեր չեղան, խոսք կարող էր լինել միայն Նորմանդիայի մասին։ Մենք ցանկանում էինք այցի գնալ Կաննի ու Կաբուրի միջև գտնվող բունկերներին, քանզի պատերազմի ժամանակ այնտեղ էինք ծանոթացել։ Մեզ համար միակ դժվարությունը կայանում էր թույլտվության ձեռքբերման մեջ, սակայն դրա հետ կապված պատմության մասին Օսկարը ոչ մի բառ չի ասի։

Լանքեսը շատ ժլատ մարդ է։ Որքան որ նա վատ աստառված կտավի վրա վատնողաբար է ծախսում չնայած որ էժանագին կամ ինչ֊որ մեկից խնդրելով ստացած ներկերը, այդքան էլ խնայողաբար ու տնտեսվարորեն է վերաբերվում թղթե և մետաղյա դրամների հետ։ Նա երբեք իր համար սիգարետներ չի գնում, սակայն մշտապես ծխում է։ Որպեսզի ցույց տամ նրա հիմնավոր ժլատությունը, պատմեմ․ հենց որևէ մեկը նրան սիգարետ է հյուրասիրում, նա շալվարի ձախ գրպանից հանում է տասը պֆենիգանոց մետաղադրամը, կարճ ժամանակով այն բարձրացնում վեր, ինչից հետո՝ դնում աջ գրպանը, որտեղ օրվա ժամից կախված արդեն կուտակված էին լինում շատ կամ քիչ մետաղադրամներ։ Նա ծխում էր անխոնջաբար և մի անգամ, լինելով լավ տրամադրության մեջ, պարծեցավ․ «Ես ամեն օր երկու մարկից ոչ պակաս կուշտ սիգարետ եմ ծխում»։

Քանդված տան հետ այն հողակտորի դիմաց, որը մոտավորապես մեկ տարի առաջ Լանքեսը գնեց Վերստենում, վճարված է, կամ ավելի ստույգ ասված, ծխված է նրա մոտիկ ու հեռավոր ծանոթների սիգարետներով։

Ահա հենց այդ Լանքեսի հետ էլ Օսկարը մեկնեց Նորմանդիա։ Մենք մեկնեցինք ճեպընթաց գնացքով։ Լանքեսը կգերադասեր գնալ նույնընթաց անվճար մեքենաներով, սակայն, քանի որ ես էի վճարում և հրավիրում, նա ստիպված էր համաձայնել։ Կաննից մինչև Կաբուրա մենք գնացինք ավտոբուսով։ Բարդիների կողքով, որոնց ետևում կենդանի ցանկապատներով ծածկված, տարածվում էին մարգագետինները։ Շագանակագույն բծերով սպիտակ կովերը տեղանքը նմանեցնում էին կաթնային շոկոլադի գովազդին։ Միայն թե փաթեթի փայլուն թղթի վրա պետք չէր ցույց տալ պատերազմի թերևս ակնհայտ հետքերը, որոնք իրենց կնիքն էին թողել ցանկացած գյուղի վրա, դրանց թվում նաև Բավեն գյուղակի վրա, որտեղ ես կորցրեցի Ռոզվիտային։

Կաբուրից մենք ոտքով ծովափով անցանք մինչև Օրնայի գետաբերան։ Անձրև չկար։ Լե֊Հոմից ավելի ներքև Լանքեսն ասաց․

― Ահա և մենք տանն ենք։ Հլա մի սիգարետ տուր։

Դեռ այն ժամանակ, երբ նա մետաղադրամը մի գրպանից վերաբնակեցնում էր մյուսի մեջ, նրա մշտապես առաջ մղված գայլի գլուխը ցույց էր տալիս ավազաբլուրներում անվնաս մնացած բազմաթիվ բունկերները։ Նա նրբանկատորեն ձախից վերցրեց իր ուղեպայուսակը, փոխադրովի նկարակալն ու մեկ դյուժին ենթաշրջանակները, աջից վերցրեց ինձ ու տարավ բետոնի հետ հանդիպման։ Օսկարի ուղեբեռը բաղկացած էր փոքրիկ ճամպրուկից ու թմբուկից։

Ատլանտյան ծովապատնեշի մոտ մեր մնալու երրորդ օրը, այդ ընթացքում մենք հասցրեցինք սողուն ավազից մաքրել «Դորա» բունկերի ներսը, հեռացրեցինք առանձնություն փնտրող զույգերի զզվելի հետքերը, մեկ արկղի ու ննջապարկերի օգնությամբ կայարանը դարձրինք բնակության համար քիչ թե շատ պիտանի, Լանքեսը ծովափի ձկնորսների մոտից բավականին լավ ձողաձուկ բերեց։ Նա նրանց նավակն էր նկարել, նրանք էլ նրա ձեռքը զոռով ձողաձուկ էին խցկել։

Քանի որ մենք մինչ այժմ բունկերը «Դորա֊7» էինք անվանում, պետք չէ զարմանալ, որ երբ Օսկարը մաքրում էր ձողաձուկը, նրա մտքերը հեռանում էին քույր Դորոթեայի մոտ։ Ձկան լյարդը և սերմնագեղձերը տարածվում էին նրա ձեռքերի վրա։ Ես մաքրում էի ձուկը արևին հակառակ կանգնած, ինչը Լանքեսը որպես առիթ էր օգտագործում ջրանկարը ուրվագծելու համար։ Մենք, քամուց պաշտպանվելով, նստում էինք բունկերում։ Օգոստոսյան արևը կախված էր ուղիղ նրա բետոնե գավթի վրա։ Ես սկսեցի ձուկը լցոնել սխտորի պճեղներով։ Այն տեղը, ուր առաջ սերմնագեղձերն էին, լյարդը, աղիքները, ես լցրեցի սխտորով, պանրով ու ծոթորով, սակայն սերմնագեղձերը և լյարդը չթափեցի, այլ այդ նրբախորտիկները տեղավորեցի ձկան բերանի մեջ՝ այն կիտրոնով համեմելով։ Լանքեսը թափառում էր մոտակայքում և ամեն ինչ հոտոտում։ Կարծես սեփական տիրույթ ոտք դնելով, նա մտավ «Դորա֊4», «Դորա֊3» և էլ ավելի հեռու գտնվող բունկերները։ Ետ վերադարձավ տախտակներով ու ստվարաթղթի մեծ կտորներով, որոնց վրա նկարում էր։ Ինչից հետո փայտը փոխանցեց կրակին։

Մենք ողջ օրն առանց դժվարության պահպանում էինք փոքրիկ խարույկը, որովհետև ամեն երկու քայլի ափին ցցված էին ալիքների բերած փետուրիկի պես թեթև, չորացած փայտերը, որոնք փոփոխական ստվերներ էին գցում։ Ես պատշգամբի ճաղավանդակի մի կտոր, որը Լանքեսն էր պոկել ինչ֊որ մի լքված առանձնատնից, գցեցի այդ ընթացքում կարմրած ածուխների վրա, ձկան վրա ձիթապտղի յուղ քսեցի, այն ճաքճքվող ձողաձկան վրա մի քանի կիտրոն ճզմեցի և թողեցի, որ այն դանդաղ, որովհետև ձկանը պետք չէ շտապեցնել, հասնի ուտելի վիճակի։

Իսկ սեղանը մենք պատրաստեցինք բազմաթիվ դատարկ դույլերից և վերևից պատեցինք բոլոր կողմերից ցցված բազմաթիվ անգամ կոտրված ռուբերոիդով։ Պատառաքաղներն ու թիթեղյա ափսեները մեզ հետ էինք բերել։ Լանքեսին շեղելու համար, ճայի նման լեշի նկատմամբ ագահ, նա դանդաղ հասունացող ձկան շուրջն էր պտտվում, ես բունկերից դուրս բերեցի իմ թմբուկը։ Ես այն դրեցի լողափի ավազի վրա և սկսեցի թմբկահարել, անընդհատ ռիթմը փոխելով, թուլացնելով ալեբախության և սկսվող մակընթացության ձայնը, թմբկահարում էի քամուն հակառակ․ Բեբրայի ռազմաճակատային թատրոնը եկել էր բետոնը զննելու։ Կաշուբյան հարթավայրերից՝ Նորմանդիա։ Ֆելիքսն ու Քիթթին, երկուսն էլ մարմնամարզիկներ, միահյուսվում էին հանգույցի մեջ, հյուսվածքը քանդում էին բունկերի տանիքի վրա, քամուն հակառակ, ինչպես և Օսկարն էր թմբկահարում քամուն հակառակ, արտասանում էին բանաստեղծություն, որի անփոփոխ կրկներգը պատերազմի ամենաեռուն պահին հարմարավետ դարի մոտենալն էր խոստանում․ «Ուրբաթ օրերի ձուկը ձվածեղ՝ մենք մոտենում էինք Բիդերմայերին», ― արտասանում էր Քիթթին իր սաքսոնական բարբառով, իսկ Բեբրան՝ իմ իմաստուն Բեբրան՝ քարոզչական վաշտի կապիտանը, որպես հավանության նշան շարժում էր գլուխը, իսկ Ռոզվիտան, Միջերկրական ծովից իմ Ռագունան, բարձրացրեց բացօդյա ճաշկերույթների իր զամբյուղը, հենց բետոնի վրա սեղան բացեց, հենց «Դորա֊7» բունկերի վրա, և այդ ժամանակ ավագ եֆրեյտոր Լանքեսը ևս սպիտակ հաց էր ուտում, շոկոլադ էր խմում, կապիտան Բեբրայի սիգարետներն էր ծխում․․․

― Տեր իմ Աստված, Օսկար, ― նկարիչ Լանքեսն ինձ երկիր վերադարձրեց։

― Ես կուզենայի այնպես նկարել, ինչպես դու թմբկահարում ես։ Հլա մի սիգարետ տուր։

Ես թմբուկը դրեցի մի կողմ, իմ ուղեկցին սիգարետ տվեցի, համտեսեցի ձուկը և գտա, որ այն չափազանց հաջողված է, նուրբ է և սպիտակ, և նրա աչքերն էլ սաստիկ դուրս էին եկել։ Դանդաղ, ոչ մի մասը աննկատ չթողնելով, ես վերջին կիտրոնը ճզմեցի տեղ֊տեղ տապակված, տեղ֊տեղ ճաքճքված կաշվի վրա։

― Ուտել եմ ուզում, ― հառաչեց Լանքեսը՝ առաջ գցելով իր երկար, սուր, դեղին ատամները և կապիկի նման երկու բռունցքներով հարվածեց իր վանդակավոր վերնաշապիկով ծածկված կրծքին։

― Գլո՞ւխը, թե՞ պոչը, ― այդպիսի հարց տվեցի ես նրան և ձուկը դրեցի մագաղաթանման թղթի վրա, որով սփռոցի փոխարեն պատված էր սեղանը։

― Իսկ դո՞ւ ինչ խորհուրդ կտաս, ― Լանքեսը հանգցրեց սիգարետը և մնացորդը խնամքով թաքցրեց։

― Որպես ընկեր ես կասեի՝ վերցրու պոչը։ Որպես խոհարար, ես կարող եմ քեզ առաջարկել գլուխը։ Իսկ իմ մայրը, որը ձկան մեծ սիրահար էր, այժմ կասեր․ «Պարոն Լանքես, ավելի լավ է վերցնեք պոչը, պոչի հետ ծայրահեղ դեպքում գիտես թե ինչ ունես։ Իսկ ահա բժիշկն իմ հայրիկին, ընդհակառակը խորհուրդ տվեց․․․

― Բժիշկների հետ ես ոչ մի կապ չունեմ։ ― Իմ խոսքերը Լանքեսին հավատ չներշնչեցին։

― Բժիշկ Հոլլացն իմ հորը միշտ խորհուրդ էր տալիս ուտել ձողաձկան կամ, ինչպես մեզ մոտ այն ժամանակ անվանում էին, փրփրուկի միայն գլուխը։

― Այդ դեպքում ես կվերցնեմ պոչը։ Ես զգում եմ, որ դու ուզում ես հիմարացնել ինձ։

― Իսկ Օսկարին էլ հենց դա է պետք։ Ես գնահատում եմ գլուխը։

― Ոչ, այդ դեպքում ես գլուխը կվերցնեմ, եթե դու այդքան շատ ես այն ուզում։

― Քեզ համար ապրելը դժվար է, Լանքես, ― ցանկացա ավարտել մեր երկխոսությունը։

― Վերցրու գլուխը, ես պոչը կվերցնեմ։

― Դե ինչպես, տղա, ես քեզ խաբեցի՞։

Օսկարը խոստովանեց, որ Լանքեսը խաբել է նրան։ Չէ՞ որ ես չգիտեի, որ նրա համար համեղ կլինի միայն այն դեպքում, եթե նրա ատամների մեջ ձկան հետ միաժամանակ լինի նաև վստահությունը, որ ինքն ինձ խաբել է։ Ես նրան անվանեցի խաբեբա սատանա, հաջողակ, երջանիկ մարդ, ինչից հետո մենք հարձակվեցինք ձողաձկան վրա։

Նա վերցրեց գլխով մասը, ես կիտրոնի հյութի մնացորդները ճզմեցի պոչի սպիտակ, մասերի բաժանվող մսի վրա, որից առանձնանում էին կարագի պես փափուկ սխտորի պճեղները։

Լանքեսը ատամներով մանրում էր ոսկորները՝ ինձ ու պոչամասի վրա նայելով, հետո ասաց․

― Թող մի քիչ համտես անեմ քո պոչից։

Ես գլխով արեցի, նա փորձեց, սակայն այնուամենայնիվ մնաց կասկածի մեջ, մինչև որ Օսկարը գլխից մի կտոր կերավ և կրկին նրան հանգստացրեց․ դե իհարկե, Լանքեսը, ինչպես միշտ, լավագույն կտորն է վերցրել։

Ձկան վրա մենք կարմիր գինի խմեցինք, ինչի համար ես ափսոսացի․ ինձ համար ավելի լավ կլիներ, եթե սուրճի գավաթներով սպիտակ գինի ունենայինք։ Լանքեսը ցրեց իմ մտորումները, ասաց, որ երբ ինքը «Դորա֊7»֊ում ավագ եֆրեյտոր էր, իրենք միշտ կարմիր գինի էին խմում, մինչև որ սկսվեց ներխուժումը։

― Այ թե հարբած էինք, երբ այդ ամենը սկսվեց։ Կովալսկին, Շերբախը ու փոքրիկ Լոյթոլդը, որոնք բոլորն էլ այժմ անցյալում են, Կաբուրից այն կողմ պառկած են մեկ և միևնույն գերեզմանատանը, այդպես էլ ընդհանրապես ոչինչ չնկատեցին, երբ սկսվեց։ Այնտեղ, Արոմանշի մերձակայքում անգլիացիներն էին, իսկ մեր հատվածում՝ կանադացիները։ Մենք դեռ չէինք հասցրել մեր շալվարակալները կապել, երբ նրանք հայտնվեցին և ասացին․ «How are you?»։

Հետո պատառաքաղով օդը խոցելով և ոսկորները դուրս թքելով, մեկն ասաց․

― Ի միջի այլոց, այսօր Կաբուրում ես Հերցոգին տեսա, հնարամտին, դու նրան հիշո՞ւմ ես, երբ դուք այստեղ էիք, նա ավագ լեյտենանտ էր։

Դե իհարկե, Օսկարը հիշում էր ավագ լեյտենանտին։ Ձուկն ուտելով՝ Լանքեսը պատմեց, որ Հերցոգը ամեն տարի գալիս է Կաբուր, իր հետ քարտեզներ ու չափագրական սարքեր է բերում, որովհետև բունկերները թույլ չեն տալիս, որ նա քնի։ Նա մեզ մոտ, «Դորա 7»֊ում էլ է ցանկանում լինել, ինչ֊որ բան չափել։

Մենք դեռ չէինք ավարտել ձուկն ուտելը, նրա ողնաշարը աստիճանաբար մերկանում էր, երբ մեզ մոտ հայտնվեց ավագ լեյտենանտ Հերցոգը։ Նա կանաչ֊շագանակագույն կարճ շալվարով կանգնել էր մեր դիմաց, հաստ սրնքամասերով ոտքերը թաքցված էին թենիսի կոշիկների մեջ, և շագանակամոխրագույն մազերը դուրս էին ցցվել արձակված վուշե վերնաշապիկի տակից։ Մենք, իհարկե, մնացինք նստած։ Լանքեսը ինձ ներկայացրեց որպես իր ընկեր Օսկար, իսկ Հերցոգին անվանեց պաշտոնաթող ավագ լեյտենանտ։

Զորացրված ավագ լեյտենանտը անմիջապես սկսեց մանրակրկիտ ուսումնասիրել «Դորա֊7»֊ը, սակայն մտավ դրսի կողմից, ինչին Լանքեսը դեմ չեղավ։ Նա ինչ֊որ աղյուսակներ էր լրացնում, դրանից բացի նրա մոտ ստերեոխողովակ կար, որով նա ձանձրացրեց ծովափին և նոր սկսված մակընթացությանը։ Նա այնքան քնքշորեն էր շոյում «Դորա֊7»֊ի հրակնատները, որոնք հենց մեր կողքին էին, կարծես դրանով ուզում էր իր կնոջը հաճույք պատճառել։ Սակայն երբ որոշեց ներսից զննել «Դորա֊7»֊ը՝ մեր գիշերային օթևանը, Լանքեսը նրան այնտեղ ներս չթողեց։

― Տեր Աստված, Հերցոգ, ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ձեզ ինչ է պետք։ Կառչել եք բետոնից, ի վերջո, այն ամենը, ինչն այն ժամանակ արդիական էր, այժմ վաղուց անցել է։

Passe֊ն՝ Լանքեսի սիրված խոսքն էր։ Նրա համար ողջ աշխարհը բաժանված է passe֊ի և արդիականի։ Սակայն պաշտոնաթող ավագ լեյտենանտը գտնում էր, որ դա ամենևին էլ passe չէ, որ դեռ բոլոր հաշիվները չէ, որ վճարված են և որ ավելի ուշ հարկ կլինի պատմության առջև պատասխան տալ, ընդ որում ոչ մեկ անգամ, և այդ իսկ պատճառով ինքը մտադիր է այժմ «Դորա֊7»֊ը զննել ներսից։

― Դուք ինձ հասկացա՞ք, Լանքես։

Հերցոգի ստվերն արդեն ծածկել էր մեր սեղանն ու ձուկը, նա ցանկանում էր, մեզ շրջանցելով, ներթափանցել այն բունկերի մեջ, որի մուտքի վերևը մինչ այժմ էլ զարդարում էին բետոնե զարդանախշերը՝ մատնելով ավագ լեյտենանտի ստեղծագործական ձեռագիրը։

Սակայն Հերցոգին չհաջողվեց մեզ շրջանցել։ Ներքևից, պատառաքաղը ձերքին, չնայած դրա օգնությանը չդիմելով, Լանքեսը վեր նետեց իր բռունցքը և պաշտոնաթող ավագ լեյտենանտին փռեց ավազի վրա։ Գլուխը թափ տալով, մեր ձկան կերուխումի խաթարվելու համար վշտանալով, Լանքեսը ոտքի կանգնեց, ձախ ձեռքի մեջ հավաքեց ավագ լեյտենանտի վուշե վերնաշապիկի կրծքի մասը, ավազի վրա հավասար հետք թողնելով, նրան քարշ տվեց մի կողմ և շպրտեց ավազաբլուրների վրա, այնպես որ մենք այլևս նրան չտեսանք, չնայած որ լսեցինք։ Հերցոգը հավաքեց իր չափագրական սարքերը, որոնք Լանքեսը նետեց նրա ետևից, ու փնթփնթալով հեռացավ՝ հղում անելով պատմական ոգիներին, որոնց Լանքեսը որոշ ժամանակ առաջ սահմանել էր որպես passe։

― Այդքան էլ սխալ չէ այդ Հերցոգը։ Չնայած սուտասան է։ Եթե մենք այդչափ ենթարկվող չլինեինք, երբ այստեղ ամեն ինչ սկսվեց, Աստված գիտե, թե ինչ կանեինք կանադացիների հետ։

Ես կարող էի ի նշան համաձայնության գլխով անել, քանզի դեռ նախօրեին, երբ տեղատվություն էր, խխունջների ու ծովախեցգետինների դատարկ պատյանների միջից գտա կանադացի զինվորական համազգեստի կարմրաշագանակագույն մի կոճակ։ Օսկարը կոճակը թաքցրեց իր դրամապանակի մեջ և այդ անելիս այնքան երջանիկ էր, կարծես եզակի պրուսական մետաղադրամ է գտել։

Որքան էլ ավագ լեյտենանտ հերցոգի այցելությունը կարճատև էր, այն հիշողություններ արթնացրեց։

― Իսկ դու դեռ հիշո՞ւմ ես, Լանքես, թե ինչպես էինք ռազմաճակատային թատերական խմբով ուսումնասիրում ձեր բետոնը, նախաճաշում բունկերի վերևում, քամին փչում էր, ճիշտ՝ ինչպես այսօր և հանկարծ՝ չգիտես թե որտեղից վեց թե յոթ միանձնուհիներ, որոնք Ռոմմելյան ծնեբեկի ընձյուղների մեջ ծովախեցգետին էին փնտրում, իսկ քեզ, Լանքես, հրամայեցին ծովափը մաքրել, և դու մարդասպան գնդացրի միջոցով կատարեցիր այդ հրամանը։

Լանքեսը հիշում էր, նա ծծում էր ոսկորները, նա մինչ օրս էլ չի մոռացել անունները, քույր Սխոլաստիկա, քույր Ագնետա՝ թվարկում էր նա, կրոնավոր կնոջը նկարագրեց որպես բազմաթիվ սև գծերով պատված վարդագույն դեմք, ընդ որում՝ ամեն ինչ այնքան հստակ պատկերեց, որ իմ մեջ մշտապես ապրող աշխարհիկ կնոջ՝ քույր Դորոթեայի կերպարը եթե նույնիսկ չխամրեց, ապա առնվազն մասամբ պատնեշվեց։ Այդ վիճակը միայն ավելի սաստկացավ, երբ նկարագրությունից բառացիորեն մի քանի րոպե անց (ինձ համար այլևս այդքան էլ զարմանալի չէ, որպեսզի այն հիշեմ որպես հրաշք) Կաբուրայի կողմից քամին դեպի ավազաբլուրների կողմը բերեց վարդագույն և սևով շրջապատված մի երիտասարդ միանձնուհու, որին ոչ մի կերպ հնարավոր չէր չնկատել։

Նա ուներ մի սև հովանոց, որպիսիք կրում են ծեր տղամարդիկ՝ արևից պաշտպանվելու համար։ Աչքերի վերևում կլորանում էր դարչնավուն֊կանաչ թղթե հովհարը, որը նման էր այն հովհարներին, որոնք պաշտպանում են Հոլիվուդի գործարար կինոգործիչների աչքերը։ Ավազաբլուրների կողմից նրան ձայն տվեցին։ Երևում է, այս կողմերում միանձնուհիները դեռ չէին բնաջնվել։

― Քույր Ագնետա, ― գոռում էին նրան, ― քույր Ագնետա, ո՞ւր կորաք դուք։

Եվ քույր Ագնետան, այդ դեռատի արարածը, մեր ձկան՝ ավելի պարզորոշ երևացող ողնաշարի վերևով, պատասխանում էր․

― Ես այստեղ եմ, քույր Սխոլաստիկա, այստեղ այնքան խաղաղ է։

Լանքեսը քմծիծաղ տվեց ու բավարարված կերպով շարժեց իր գայլի գլուխը, կարծես հենց ինքն էլ պատվիրել էր կաթոլիկական այդ թափորը, կարծես աշխարհում ոչ մի բան չի կարող, այլևս նրան զարմացնել։

Դեռատի միանձնուհին մեզ տեսավ ու կանգ առավ բունկերի ձախ կողմում։ Նրա կլոր ռունգերով ու փոքր֊ինչ առաջ եկած ատամներով, մնացած ամեն ինչում անթերի, վարդագույն դեմքը արտաբերեց․

― Օ՜հ։

Մարմնի վերին մասը նույնիսկ չշարժելով՝ Լանքեսը շրջեց գլուխն ու պարանոցը․

― Դե, քույրիկ, մտադրվել ես զբոսնե՞լ։

Որքան արագ հնչեց պատասխանը․

― Մենք ամեն տարի մեկ անգամ գալիս ենք ծովի մոտ։ Սակայն ես առաջին անգամ եմ տեսնում ծովը։ Այն այնքան մեծ է։

Դժվար էր վիճելը։ Այդ բառերը այսօր էլ են ինձ համար ծառայում որպես գոյություն ունեցող ծովային նկարագրություններից ամենալավը։

Լանքեսը հյուրընկալություն ցուցաբերեց, ձկան իմ չափաբաժնի մեջ քչփորելով՝ առաջարկեց․

― Ձուկ չե՞ք ցանկանում, դեռ տաք է։

Նրա անկաշկանդ ֆրանսերենն ինձ ապշեցրեց, և այդ ժամանակ Օսկարը ևս որոշեց փորձել օտար լեզուների մեջ իր ուժերը։

― Դե, անհարմար մի զգացեք, քույր։ Չէ՞ որ այսօր ուրբաթ է։

Սակայն նույնիսկ միանձնության անկասկած խիստ կանոնների վերաբերյալ այդ ակնարկը չկարողացավ պարեգոտու մեջ խնամքով թաքնված աղջկան բերել մոտ ու միացնել մեր հացկերույթին։

― Դուք մի՞շտ եք այստեղ ապրում, ― նրա մեջ խոսեց հետաքրքրասիրությունը։

Նա գտավ, որ մեր բունկերը բավականին հաճելի է ու շատ ծիշաղելի։ Սակայն, ցավոք, այդ պահին ավազաբլուրի գագաթի վրա հայտնվեցին մայրապետն ու սև անձրևանոցներով ու թղթակցի կանաչ հովհարներով ևս հինգ միանձնուհիներ։ Ագնետան թռավ գնաց և, որքանով կարողացա հասկանալ արևելյան քամուց աղավաղված բառերի հոսքից, հիմնավոր հանդիմանություն ստացավ, իսկ հետո քույրերի կողմից վերցվեց օղակի մեջ։

Լանքեսը ընկավ երազանքների մեջ։ Նա ետևի ծայրով պատառաքաղը մտցրել էր բերանը և աչքը չէր կտրում ավազաբլուրների վրայով ճախրող խմբից։

― Սրանք միանձնուհիներ չեն, սրանք առագաստանավեր են։

― Առագաստանավերը սպիտակ են, ― կասկած հայտնեցի ես։

― Դե, այդ դեպքում նշանակում է, որ սրանք սև առագաստանավեր են։ (Շատ դժվար էր Լանքեսի հետ բանավեճի բռնվելը)։ ― Այն մեկը, որն աջ թևում է, հրամանատարական նավն է, Ագնետան արագաշարժ հետախուզական ռազմանավն է։ Համընթաց քամի, նավահետքային գիծը եռանկյունի թեք առագաստից մինչև ախտերշտևենը, բիզան, առագաստը, միջակայմի մեծ առագաստը և առաջակայմի ներքին առագաստը՝ բոլոր առագաստները բարձրացված են, ուղղությունը՝ դեպի հորիզոն, դեպի Անգլիա։ Դու միայն քեզ պատկերացրու․ վաղն առավոտյան Թոմերը կբացեն իրենց աչքերը, պատուհանից կնայեն դուրս և ի՞նչ կտեսնեն իրենց դիմաց։

Իսկ կտեսնեն նրանք քսանհինգ հազար միանձնուհիների, մինչև կայմածայրը հասնող դրոշներ, և արդեն հնչում է առաջին համազարկը․․․

― Նոր կրոնական պատերազմ, ― օժանդակեցի ես նրա մտքին։ ― Իսկ հրամանատարական նավը պետք է «Մարիա Ստյուարտ» կամ «Դե Վալերա», կամ դրանից էլ լավ՝ «Դոն Խուան» կոչվի։ Նոր արագընթաց նավատորմը ժամանել է Տրաֆալգարի դիմաց վրեժ լուծելու համար։ «Մահ մաքրակրոններին», ― հնչում է կոչը, իսկ այս անգամ անգլիացիներն իրենց պահուստում Նելսոն չունեն։ Ներխուժումը կարելի է սկսել։

Լանքեսի ճաշակով խոսակցությունը չափից դուրս քաղաքական ուղղվածություն ստացավ։

― Դե, միանձնուհիներ, դեպ առա՛ջ։

― Բարձրացնե՛լ առագաստները, ― ուղղեցի ես։

Սակայն արագ էին ընթանում նրանք, թե՞ առագաստներն էին բարձրացնում՝ դեպի Կաբուր ուղղությամբ, քամին նրանց քշեց հեռացրեց։ Նրանք իրենց ու արեգակի միջև պարզեցին հովանոցները։ Միայն մեկը փոքր֊ինչ ետ մնաց, ընթացքի ժամանակ կռացավ, ինչ֊որ բան բարձրացրեց ու գցեց։ Նավատորմի մնացորդը, որպեսզի արդեն կերպարից դուրս չգա, դժվարությամբ քամին հաղթահարելով, գնում էր դեպի նախկին ծովամերձ հյուրանոցի այրված վարագույրները։

― Կամ խարիսխը դուրս չի բերել, կամ նրա ղեկն է անշարժացել։ ― Լանքեսը դեռևս հետևում էր ծովային տերմինաբանությանը։ ― Իսկ պատահաբար Ագնետան չի՞, արդյոք, մեր արագընթաց հետախուզական ռազմանավը։

Հետախուզական ռազմանավ, թե եռակայմ հետախուզզանավ, սակայն հենց կրոնավոր Ագնետան էր, հավաքելով ու մի կողմ նետելով խխունջները, մոտենում մեզ։

― Քույր։ Այդ ի՞նչ եք դուք այդտեղ հավաքում։ ― Չնայած Լանքեսը հոյակապ տեսնում էր, թե ինչ։

― Խեցիներ։ ― Նա մի առանձնահատուկ ձևով արտասանեց այդ բառը և կռացավ։

― Իսկ ձեզ թույլ տրվո՞ւմ է։ Չէ՞ որ դրանք երկրային գանձեր են։

Ես պաշտպան կանգնեցի վանական Ագնետային․

― Սխալվում ես, Լանքես, խեցիները երկրային գանձեր լինել չեն կարող։

― Այդ դեպքում դրանք լողափնյա գանձեր են, ինչպես էլ նայես, դրանք գանձեր են, իսկ կրոնավոր աղջիկները այս աշխարհի գանձերը չպետք է հավաքեն։ Նրանց համար գլխավորը աղքատությունն է, աղքատությունը և ևս մեկ անգամ աղքատությունը։

― Ես ճիշտ չե՞մ ասում, քույր։

Քույր Ագնետան ժպտաց՝ ցուցադրելով առաջ եկած ատամները․

― Ախր ես մի քիչ խեցի եմ վերցնում։ Եվ դրանք մանկապարտեզի համար են։ Երեխաները շատ են սիրում դրանցով խաղալ։ Նրանք երբեք ծովի մոտ չեն եղել։

Ագնետան կանգնած էր բունկերի մուտքի դիմաց և միանձնուհու հայացքը գցել էր դեպի բունկերի խորքերը։

― Ձեզ դո՞ւր է գալիս մեր տնակը, ― ես աստիճանաբար մոտենում էի նրան, իսկ Լանքեսը գնում էր ամենակարճ ճանապարհով․

― Նայեցեք մեր դղյակին, քույր։ Դիտելու համար փող չեն վերցնում։

Սուր կոշիկներով, որոնք պատված էին ծանր կտորով, նա քերեց ավազը։ Երբեմն նա այն նույնիսկ օդ էր թռցնում, իսկ քամին այն վերցնում ու շաղ էր տալիս մեր ձկան վրա։ Փոքր֊ինչ ավելի անվստահ, այժմ արդեն, անկասկած, բաց շագանակագույն աչքերով նա նայեց մեզ ու մեր միջև դրված սեղանին։

― Դա արգելվում է, ― դրդեց նա մեզ ընդդիմախոսելու։

― Ի՞նչ եք ասում, քույր։ ― Նկարիչը վերացրեց բոլոր դժվարությունները և ոտքի կանգնեց։ ― Այն շատ էլ հաճելի տեսք ունի՝ մեր բունկերը։

Աղջիկը դեռ տատանվում էր և, հավանաբար, կոշիկներն արդեն ամբողջությամբ լցրել էր ավազով։ Լանքեսը ձեռքը մեկնեց մուտքի ուղղությամբ։ Բետոնե զարդաքանդակը զարդաքանդակային հստակ ստվերներ էր գցում։

― Իսկ մեզ մոտ՝ այնտեղ շատ մաքուր է։

Ոչ այլ բան, քան նկարչի հրավիրող շարժումը, միանձնուհուն հրապուրելով, հասցրեց բունկերի ընդերքը։

― Բայց միայն մեկ րոպեով, ― հնչեց վճռական խոսքը, և նա, Լանքեսից առաջ ընկնելով, մտավ բունկեր։ Վերջինս ձեռքը քսեց շալվարին՝ նկարչին բնորոշ շարժում և, նախքան անհետանալը, նախազգուշացրեց․

― Մտքովդ չանցնի իմ ձկանը ձեռք տալ։

Սակայն Օսկարը մինչև կոկորդը կուշտ էր ձկից։ Ես ետ հրվեցի սեղանից՝ տրվելով ավազը քշող֊տանող քամուն և ալեբախության՝ այդ ծեր դյուցազնի, չափից դուրս աղմուկների կամքին։ Ես ոտքով մոտ քաշեցի թմբուկս ու սկսեցի ելք փնտրել այդ անհանգիստ բնապատկերից, այդ բունկերային աշխարհից, այդ բանջարեղենից, որը կոչվում է Ռոմմելյան ծնեբեկ։

Սկզբում, առանց առանձնակի հաջողության, ես որպես թեմա ընրեցի սերը․ ինչ֊որ ժամանակ ես սիրում էի քույրին, ավելի քիչ միանձնուհու, ավելի շատ քույրին։ Նա ապրում է Ցայդլերի բնակարանում, անթափանցիկ ապակե դռան ետևում։ Նա արտաքնապես շատ լավիկն էր, սակայն ես այդպես էլ ոչ մի անգամ նրան չտեսա։ Այնտեղ նաև կոկոսե ուղեգորգ կար, և նա խառնվեց գորգին։ Ախր Ցայդլերի միջանցքում չափից դուրս մութն էր։ Այդ իսկ պատճառով ես կոկոսե մանրաթելերը ավելի հստակ էի զգում, քան քույր Դորոթեայի մարմինը։

Այն բանից հետո, երբ այդ թեման, ընդ որում շատ շուտ, ավարտվեց կոկոսե ուղեգորգի վրա, ես ձգտեցի ռիթմերի օգնությամբ լուծել Մարիայի հանդեպ իմ վաղ սերը և բետոնի առջև պատատուկներ տնկել, որոնք աճում են նույն արագությամբ։ Եվ կրկին քույր Դորոթեան խանգարեց Մարիայի նկատմամբ իմ սիրուն․ ծովից թռավ եկավ կարբոլաթթվի հոտը, առկայծում էին քույրական հագուստներով ճայերը, արևը դիտվում էր որպես կարմիր խաչի բրոշ։

Անկեղծ ասած, Օսկարը նույնիսկ ուրախ էր, երբ նրան խանգարեցին թմբկահարել։ Վերադարձան մայրապետը, քույր Ախոլաստիկան, իր հինգ միանձնուհիների հետ։ Նրանք հոգնած տեսք ունեին, նրանք իրենց հովանոցները բռնել էին թեք ու տրտմությամբ։

― Դուք երիտասարդ միանձնուհուն՝ մեր նոր կրոնականին չե՞ք տեսել։ Նա դեռ այնքան փոքրահասակ է։ Երեխան առաջին անգամ է տեսել ծովը։ Հավանաբար նա մոլորվել է։ Որտե՞ղ եք դուք, քույր Ագնետա։

Ես այլ ելք չունեի, քան թիկունքից քամու կողմից առաջ մղվող խումբը ուղարկել դեպի Օրնայի գետաբերան, դեպի Արոմանշա, դեպի Ուինսթոն նավահանգիստ, որտեղ ինչ֊որ ժամանակ անգլիացիները պատերազմով ծովից նվաճեցին իրենց արհեստական նավահանգիստը։ Պետք է ասել նաև, որ նրանց բոլորին միասին վերցրած դժվար թե բունկերի մեջ տեղ բավարարեր։ Ճիշտ է, ինչ֊որ մի ակնթարթ ես ուարախանում էի Լանքեսին ետ պահելու և նրան այդ այցելությունը կազմակերպելու մտքով, սակայն այնուհետև ընկերությունը, ափսոսանքն ու զայրույթը միաժամանակ հրամայեցին ինձ մատով մատնացույց անել Օրնայի գետաբերանի կողմը։ Միանձնուհիները ենթարկվեցին իմ բութ մատի շարժմանը, ավազաբլուրների գագաթների վրա վերածվեցին վեց անընդհատ հեռացող, քամու ուղղությամբ թռչող սև պատռվածքների և նույնիսկ «Քույր Ագնետա, քույր Ագնետա» աղիողորմ կանչը նրանց շուրթերից հնչում էր ավելի ու ավելի հողմաշունչ, մինչև որ խեղդվեց ավազի մեջ։

Բունկերից առաջինը դուրս եկավ Լանքեսը, նկարչին բնորոշ շարժումով ձեռքերը սրբեց շալվարի վրա, արևկող տվեց, ինձանից սիգարետ պահանջեց, այն դրեց վերնաշապկի գրպանը և հարձակվեց սառած ձկան վրա։

― Դրանից հետո միշտ ուտել ես ուզում, ― ակնարկեց նա՝ խժռելով ինձ պատկանող պոչի մասը։

― Նա այժմ շատ դժբախտ կլինի, ― մեղադրեցի ես Լանքեսին՝ այդ ասելիս հաճույք զգալով «դժբախտ» բառից։

― Իսկ ինչի՞ համար։ Այդ ի՞նչ պատճառով նա պետք է դժբախտ լինի։

Լանքեսը հաստատապես չէր կարողանում իրեն պատկերացնել, որ մարդկանց հետ շփվելու իր ոճը կարող է գոնե ինչ֊որ մեկին դժբախտ դարձնել։

― Իսկ ի՞նչ է նա հիմա անում, ― հարցրեցի ես՝ չնայած լրիվ այլ բան էի մտածում։

― Կարում է, ― բացատրեց Լանքեսը պատառաքաղի օգնությամբ։ Նրա պարեգոտը մի փոքր պատռվեց, նա էլ ահա կարում է։

Դերձակուհին դուրս եկավ բունկերից, անմիջապես բացեց հովանոցն ու սկսեց ծլվլալ՝ չնայած ոչ ստիպողական, սակայն, ինչպես ինձ թվաց, որոշակի լարվածությամբ․

― Եվ իսկապես էլ այստեղից գեղեցիկ տեսարան է։ Տեսանելի է ողջ ծովափն ու ողջ ծովը։ ― Նայելով մեր ձկան մնացորդների վրա նա տատանվեց․

― Կարելի՞ է։

Մենք միաժամանակ գլխով արեցինք։

― Ծովի օդը միշտ էլ ախորժակ է բացում, ― օգնության հասա ես, նա գլխով արեց ու կարմրած, ճաքճքված, մենաստանի ծանր աշխատանքի մասին հիշեցնող ձեռքերով բռնեց մեր ձուկը, այն մոտեցրեց բերանին, ուտում էր լուրջ, լարված, մտախոհ, կարծես ձկան հետ մեկտեղ ծամում էր ինչ֊որ բան, ինչից հաճույք էր ստացել մինչև ձուկը։

Ես նայեցի նրա գլխաշորի տակ։ Թղթղկացրի կանաչ հովհարը նա մոռացել է բունկերում։ Քրտինքի սպիտակ հավասարաչափ կաթիլները կուտակվել էին ճակատի վրա՝ սպիտակ օսլայված շրջանակով հիշեցնելով Աստվածամոր ճակատը։ Լանքեսը կրկին ինձանից սիգարետ պահանջեց՝ չնայած նախորդը դեռ չէր ծխել։ Ես ողջ տուփը նետեցի նրան։ Մինչ նա դրանցից երեքը վերնաշապկի գրպանը դրեց և միաժամանակ շուրթերով սեղմել էր չորրորդը, քույր Ագնետան մի կողմ նետեց հովանոցը, վազեց, միայն հիմա տեսա, որ ոտաբոբիկ է, ավազաբլուրի վրայով դեպի վեր և անհետացավ այնտեղ, որտեղ ալեբախությունն է։

― Թող իր համար փախչի, ― պերճախոսեց Լանքեսը, ― նա դեռ կվերադառնա կամ չի վերադառնա։

Միայն կարճ ժամանակ ես կարողացա պահպանել համբերությունս և նայել նկարչի սիգարետին։ Այնուհետև բարձրացա բունկերի վրա՝ դիտելով մակընթացության շնորհիվ մոտեցող ափը։

Դե՞, ― հետաքրքրվեց Լանքեսը։

― Նա հանվում է։ ― Ինձանից ավելի մանրամասն տեղեկություն ստանալ նա չէր կարող։ ― Միգուցե ցանկացավ լողանալ, որպեսզի մի քիչ սառչի։

Ես այդ մտադրությունը վտանգավոր էի համարում մակընթացության ժամանակ և այն էլ ուտելուց անմիջապես հետո։ Նա արդեն մինչև ծնկները մտել էր, ավելի խորն էր մտնում, և նրա թիկունքը կլոր էր։ Օգոստոսի վերջի ոչ այնքան տաք ջուրը, ամեն ինչից դատելով, ակնհայտորեն չէր վախեցնում նրան, նա լող էր տալիս, լավ էր լող տալիս, տարբեր ոճեր էր փորձում և, ալիքները ճեղքելով, սուզվում էր։

Դե թող իր համար լող տա, իջիր, վերջապես, բունկերի վրայից։

Ես շրջվեցի ետ ու տեսա, թե ինչպես է ավազի վրա փռված Լանքեսը ծխում։ Ձողաձկան մաքուր ողնաշարը գերակշռում էր սեղանի վրա, արևի ճառագայթների տակ առկայծում էր իր սպիտակությամբ։

Երբ ես բետոնի վրայից թռա ներքև, Լանքեսը բացեց նկարչի իր աչքերը․

― Ցնցող կտավ կլինի․ «Մակընթացային միանձնուհիները» կամ «Միանձնուհիներն ու մակընթացությունը»։

― Դու անասուն ես, ― գոռացի ես։ ― Իսկ եթե նա խեղդվի՞։

Լանքեսը փակեց աչքերը․

― Այդ դեպքում կտավը կկոչվի «Պարող միանձնուհիներ»։

― Իսկ եթե նա վերադառնա ու ընկնի քո ոտքե՞րը։

Աչքերը կրկին բացելով՝ նկարիչը կայացրեց իր դատավճիռը․

― Այդ դեպքում և՛ նրան, և՛ կտավը կարելի է անվանել «Ընկած միանձնուհին»։

Լանքեսը ընդունում էր միայն կամ֊կամ՝ գլուխը կամ պոչը, խեղդվեց կամ ընկավ։ Ինձանից նա սիգարետներ էր խլում, ավագ լեյտենանտին ցած նետեց ավազաբլուրներից, կերավ իմ ձկան մի կտորը, իսկ երեխային, որն իսկությամբ ասած, նվիրված էր երկնքին, ցույց տվեց մեր բունկերի խորքերը և մինչ նա դեռ լող տալով գնում էր դեպի ծովի խորքը, արդեն կոպիտ ելունդավոր ոտքով օդում նկար էր ուրվագծում, արդեն առաջադրում էր չափսերը, արդեն վերնագրեր էր դնում․ «Մակընթացային միանձնուհիներ», «Միանձնուհիները և մակընթացությունը», «Պարող միանձնուհիներ»։ «Քսանհինգ հազար միանձնուհիներ»։ Որոշում էր լայնակի չափսերը․ «Միանձնուհիները Տրաֆալգարի բարձրունքի վրա»։ Ուղղահայաց չափսերը․ «Միանձնուհիները հաղթանակ են տանում լորդ Նելսոնի հանդեպ»։ «Միանձնուհիները հանդիպակաց քամու ժամանակ»։ «Միանձնուհիները համընթաց քամու ժամանակ»։ «Միանձնուհիները լողում են ընդդեմ քամու»։ Սևություն, շատ սևություն․ ողողահար սպիտակություն և կապույտ՝ սառույցից վեր․ «Ափահանում» կամ «Առեղծվածային֊բարբարոսաբար֊ձանձրալի»՝ բետոնի համար նրա հին, դեռ պատերազմական տարիների անվանումը։ Եվ բոլոր այդ կտավները, բոլոր այդ ուղղահայաց ու լայնակի չափսերը նկարիչ Լանքեսը նկարեց, երբ մենք վերադարձանք Ռայնլանդ, նա ստեղծում էր ամբողջապես միանձնուհիներին նվիրված նկարաշարեր, նա վաճառող գտավ, որը հետաքրքրվեց միանձնուհիների մասին կտավներով, նա քառասուներեք կտավ ցուցադրեց, դրանից տասնյոթը նա վաճառեց հավաքորդներին, ֆաբրիկանտներին, թանգարաններին, նույնիսկ մի ամերիկացու, նա քննադատներին առիթ տվեց համեմատելու իրեն՝ Լանքեսին Պիկասսոյի հետ և իր հաջողությամբ համոզեց ինձ՝ Օսկարիս, գտնել կազմակերպիչ դոկտոր Դյոշի այցետոմսը, քանզի ոչ միայն Լանքեսի արվեստը, այլև իմ արվեստ էր հաց պահանջում․ առաջիկայում պետք էր թմբուկի օգնությամբ երեքամյա թմբկահար Օսկարի մինչպատերազմական ու պատերազմական տարիների տպավորությունները վերածել ետպատերազմական ժամանակի մաքուր, զրնգուն ոսկու։


Մատնեմատը

― Դե, ուրեմն, ինչպե՞ս, ― հարցրեց Ցայդլերը, ― դուք այլևս ընդհանրապե՞ս չեք պատրաստվում աշխատել։

Նրան շատ էր նյարդայնացնում, որ Կլեփն ու Օսկարը նստում էին մեկ Կլեփի սենյակում, մեկ Օսկարի մոտ ու բոլորովին ոչինչ չէին անում։ Ճիշտ է, այն փողերի մնացորդից, որը Հարավային գերեզմանատանը, որպես կանխավճար էր ինձ տվել դոկտոր Դյոշը, երբ թաղում էին Շմուհին, ես վճարեցի երկու սենյակների հոկտեմբեր ամսվա վարձը, իսկ ահա նոյեմբերը սպառնում էր մռայլ ամիս լինել նույնիսկ ֆինանսական իմաստով։

Ընդ որում տարբեր տեսակի առաջարկները մեզ բավարարում էին, մի բան էլ ավելի։ Մենք, օրինակ, կարող էինք պարահրապարակ ունեցող այս կամ այն սրճարանում կամ գիշերային ռեստորաններում ջազ նվագել։ Սակայն Օսկարը ջազ նվագել այլևս չէր ցանկանում։ Մենք մշտապես վիճում էինք Կլեփի հետ։ Նա պնդում էր, թե իբր թմբկահարելու իմ նոր մեթոդը որևէ կապ չունի ջազի հետ։ Ես չէի ժխտում։ Այդ ժամանակ նա ինձ անվանեց ջազային գաղափարի դավաճան։

Միայն երբ նոյեմբերի սկզբին Կլեփը նոր թմբկահար գտավ, «Միաեղջյուրից» Բոբբիին, կարճ ասած, լիովին համապատասխան մարդու, իսկ Բոբբիի հետ՝ նաև աշխատանքի հրավեր Հին քաղաքում, մենք կրկին սկսեցինք շփվել որպես ընկերներ՝ չնայած Կլեփը արդեն այն ժամանակ էլ սկսեց ավելի շատ խոսել իր ԳԿԿ֊ի ոգով, քան մտածել։

Այնուամենայնիվ, իմ առջև դեռ բաց էր Դյոշի համերգային գործակալության դուռը։ Ես չէի ցանկանում վերադառնալ Մարիայի մոտ և չէի էլ կարող, նամանավանդ, որ նրա երկրպագու Շտենցելը պատրաստվում էր ապահարզան տալ, որպեսզի ամուսնալուծությունից հետո իմ Մարիային դարձներ Մարիա Շտենցել։ Երբեմն ես հայտնվում էի Աղոթատեղիի արահետի վրա, Քորնեֆի մոտ, որտեղ ես մի որևէ գրություն էի փորագրում, այցելում էի ես նաև ակադեմիա, ջանասեր աշակերտներին հնարավորություն էի տալիս մատիտով ինձ սևացնել ու վերարտադրել, նաև հաճախ առանց որևէ նպատակի այցելում էի մուսա Ուլլային, որը մեր Ատլանտյան ծովապատնեշ ուղևորությունից քիչ անց ստիպված եղավ լուծել նկարիչ Լանքեսի հետ իր նշանդրեքը, որովհետև վերջինս այժմ ցանկանում էր միայն բնորդուհի միանձնուհիներից թանկարժեք կտավներ նկարել, իսկ Ուլլա մուսային այլևս չէր ցանկանում նույնիսկ քոթակել։

Այդ ընթացքում դոկտոր Դյոշի այցետոմսը լուռ ու համառ դրված էր լոգարանի կողքի իմ սեղանի վրա։ Երբ մի հրաշալի օր ես այն ուղղակի պատռեցի և դեն նետեցի, քանի որ դոկտոր Դյոշի հետ ընդհանուր ոչինչ չէի ցանկանում ունենալ, ի սարսափ ինձ, ինձ համար պարզ դարձավ, որ ես կարող եմ անգիր, ինչպես բանաստեղծությունը, արտասանել համերգային գործակալության և՝ հեռախոսի համարը, և՛ ճիշտ հասցեն։ Երեք օր շարունակ այդպես էլ անում էի, այդ համարի պատճառով ես չէի կարողանում քնել և այդ իսկ պատճառով չորրորդ օրը մտա հեռախոսախցիկ, հավաքեցի համարը, կապվեցի Դյոշի հետ, վերջինս անմիջապես իրեն պահեց այնպես, կարծես օրուգիշեր սպասում էր իմ զանգին և խնդրեց, որ ես հենց նույն օրը ճաշից հետո գնամ իր մոտ, քանզի ցանկանում էր ներկայացնել իր պետին։ Իբր պետը սպասում է պարոն Մացերատին։

«Արևմուտք» համերգային գործակալությունը տեղակայված էր վերակառուցված վարչարարական շենքի իններորդ հարկում։ Նախքան վերելակ մտնելը ես ինձ հարց տվեցի, թե այդ անվան տակ մի որևիցե կեղտոտ քաղաքական իմաստ չի՞ թաքցված արդյոք։

Չէ՞ որ եթե գոյություն ունի «Արևմուտք» համերգային գործակալությունը, նշանակում է որևէ մի նմանատիպ շենքում պետք է գոյություն ունենա նաև «Արևելքը»։ Անվանումը բավականին հմտորեն էր ընտրված, ես, առանց տատանվելու նախապատվությունը տվեցի «Արևմուտքին» և, իններորդ հարկում վերելակից դուրս գալով, հաճելի զգացում ունեցա, որ կապվել եմ ճիշտ գործակալության հետ։ Գորգեր, մեծ քանակությամբ կահույք, անուղղակի լուսավորում, ձայնամեկուսացում, դուռը խաղաղության ու համաձայնության մթնոլորտում կիպ կպչում է դռանը, երկարոտն քարտուղարուհիները, կայծեր շաղ տալով, իմ կողքով անց էին կացնում իրենց պետերի սիգարետների հոտը, այնպես, որ ես քիչ էր մնում փախչեի «Արևմուտք» գործակալության աշխատասենյակից։

Դոկտոր Դյոշն ինձ գրկաբաց ընդունեց, և Օսկարը ուրախ էր, որ Դյոշն իրեն չսեղմեց կրծքին։ Կանաչ պուլովերով աղջկա գրամեքենան լռեց, երբ ես ներս մտա, սակայն հետո խիզախորեն վերականգնեց իմ հայտնվելու պատճառով բաց թողածը։ Դյոշն իր պետին զեկուցեց իմ գալու մասին։ Օսկարն իրենով զբաղեցրեց քիմիական զաֆրանով ներկված փափուկ բազկաթոռի առաջնային ձախ մասի մեկ վեցերորդը։ Այնուհետև լայն բացվեց երկփեղկ դուռը, գրամեքենան կրկին շունչը պահեց, օդի շիթը ինձ բարձերի վրայից վեր բարձրացրեց, իմ թիկունքում դռները փակվեցին, գորգը հոսեց լուսավոր դահլիճի միջով, գորգը տարավ ինձ իր ետևից, մինչև որ կահավորումի ինչ֊որ մի պողպատյա առարկա ինձ ասաց՝ իսկ այժմ Օսկարը կանգնած է պետի գրասեղանի դիմաց, հետաքրքիր է, որքան է նա կշռում։ Ես բարձրացրեցի իմ երկնագույն աչքերը՝ անսահման դատարկ կաղնե հարթության ետևում փնտրելով պետին և, անիվներով բազկաթոռի վրա, որն ատամնաբուժականի նման, կարելի էր բարձրացնել ու ետ թեքել, հայտնաբերեցի կաթվածից ուժասպառ եղած, կյանքը միայն աչքերի ու մատների մեջ պահպանած իմ ընկեր ու խրատատու Բեբրային։

Ախ, այո, պահպանվել էր նաև նրա նախկին ձայնը։ Այն Բեբրայի ընդերքներից արտաբերեց․

― Ահա և մենք կրկին հանդիպեցինք, պարոն Մացերատ։ Մի՞թե շատ տարիներ առաջ, երբ դուք այս աշխարհի հետ գերադասում էիք շփվել երեք տարեկանի իրավունքներով, ես չէի ասում՝ այնպիսի մարդիկ, ինչպիսին մենք ենք, չեն կարող կորչել։ Ստիպված եմ, սակայն, խորագույն ափսոսանքով արձանագրել, որ դուք անխոհեմաբար չափազանց փոխել եք ձեր համաչափությունները՝ ընդ որում, ոչ դեպի լավը։ Դուք չէի՞ք արդյոք, որ ինչ֊որ մի ժամանակ ընդամենը իննսունչորս սանտիմետր հասակ ունեիք։

Ես գլխով արեցի՝ արտասվելու պատրաստ։ Պատի վրա, խրատատուիս համաչափ շչացող բազկաթոռի ետևում, որը շարժման մեջ էր դրվում էլեկտրաշարժիչի օգնությամբ, կախված էր աշխատասենյակի միակ զարդարանքը՝ բարոկկոյի ոճով շրջանակի մեջ մինչև գոտկատեղ իմ Ռոզվիտայի, մեծն Ռագունայի բնական մեծությամբ դիմանկարը։ Իմ հայացքին չհետևելով, սակայն հրաշալի կերպով իմանալով դրա ուղղությունը, Բեբրան գրեթե անշարժ շուրթերով ասաց․

― Ախ, այո, մեր բարի Ռոզվիտան։ Հետաքրքիր է, նոր Օսկարը դուր կգա՞ր նրան։ Հազիվ թե։ Նա գործ ուներ ուրիշ Օսկարի հետ, երեք տարեկանի հետ, թմբլիկ, բայց և սիրո կրքով լի Օսկարի հետ։ Նա պաշտում էր նրան, ինչի մասին ինձ ավելի շուտ հայտարարեց, քան խոստովանեց։ Իսկ նա մի գեղեցիկ օր չցանկացավ նրա համար սուրճ բերել, այդ ժամանակ նա ինքը գնաց սուրճի ետևից և զոհվեց։ Սակայն, որքան ես գիտեմ, դա միակ սպանությունը չէ, որ կատարել է մեր թմբլիկ Օսկարը։ Նա՞ չէր արդյոք, որ իր թմբկահարումով գերեզման հասցրեց իր խեղճ մորը։

Ես գլխով արեցի։ Ես, փառք Աստծո, ունակ եղա արտասվելու, իսկ աչքս Ռոզվիտայից չէի կտրում։ Սակայն այդ ժամանակ Բեբրան ձեռքը բարձրացրեց հաջորդ հարվածի համար։

― Իսկ ինչպե՞ս էին, ըստ էության, դասավորվում հանգամանքները՝ կապված այն փոստային ծառայողի՝ Յան Բրոնսկու հետ, որին մեր երեքամյան բարեհաճեց իր ենթադրյալ հայր անվանել։ Նա նրան տվեց դահիճների ձեռքը։ Դահիճները կրակեցին ուղիղ նրա կրծքին։ Իսկ չէի՞ք կարող դուք, պարոն Օսկար Մացերատ, որ հանդգնում եք հանդես գալ ձեր նոր կերպարանքով, ինձ պատմել, թե ինչ տեղի ունեցավ երեքամյա թմբկահարի երկրորդ ենթադրյալ հոր՝ գաղությային ապրանքների կրպակի տնօրեն Մացերատի հետ։

Այստեղ ես ապաշխարեցի նաև այդ սպանության համար, խոստովանեցի, որ նման ճանապարհով ազատվեցի նրանից, մանրամասնորեն նկարագրեցի իմ կողմից դիտավորյալ առաջ բերված խեղդամահությանը, այլևս չթաքնվեցի ինքնաձիգով ռուս զինվորի ետևում, այլ ազնվորեն ասացի․

― Այո, խրատատու Բեբրա, դա ես էի։ Ես արեցի այն մեկը և այս մեկն էլ արեցի ես, այդ մահվան պատճառը ես էի և այն մյուս մահվան մեջ ևս կա իմ մեղքի բաժինը։ Գթացեք ինձ։

Բեբրան ծիծաղեց։ Նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչով էր նա ծիծաղում։ Նրա շարժաթոռը դողդողաց, քամիները ծածանում էին թզուկի դեմքի հարյուր հազարավոր կնճիռներից վեր գտնվող ճերմակ մազերը։

Ես մեկ անգամ ևս համառորեն գթություն հայցեցի, իմ ձայնին հաղորդեցի այն քաղցրությունը, որի մասին գիտեի, որ գեղեցիկ են և նույնպես ներազդում են։

― Գթացեք ինձ, սիրելի խրատատու Բեբրա, գթացեք ինձ։

Այդ ժամանակ նա, որ ինքն իրեն նշանակել էր ինձ դատավոր և հրաշալի էր խաղում այդ դերը, ծնկների ու ձեռքերի միջև գտնվող փղոսկրի գույնի վահանակի վրա մի ինչ֊որ կոճակ սեղմեց։

Իմ ետևում գտնվող գորգը դեպի սեղանը մոտեցրեց կանաչ պուլովերով աղջկան։ Նա ձեռքին բռնել էր թղթապանակ, որը բացեց սեղանի կաղնե հարթության վրա, որը հանգչում էր պողպատյա խողովակների միաձյուլ հյուսվածքի վրա՝ հասնելով իմ անրակների մակարդակին, և դա ինձ հնարավորություն չէր տալիս տեսնել, թե ինչ է նա, այնուամենայնիվ, շարում այնտեղ։ Եվ այսպես, պուլովերով աղջիկը ինքնահոսը մեկնեց ինձ։ Ստորագրության արժեքով ես կարող էի գնել Բեբրայի թողությունը։

Ես, այնուհանդերձ, համարձակվեցի որոշ հարցեր տալ անվիների վրայի բազկաթոռին։ Ինձ համար դժվար էր անմիջապես, առանց մտածելու, իմ ստորագրությունը դնել լաքապատված եղունգի կողմից ցույց տրվող տեղում։

― Սա աշխատանքային պայմանագիր է, ― տեղեկացրեց ինձ Բեբրան։ ― Այստեղ պահանջվում է ձեր ստորագրությունը։ Մի խոսքով, գրեցեք «Օսկար Մացերատ», որպեսզի մենք իմանանք, թե ում հետ գործ ունենք։

Անմիջապես այն բանից հետո, երբ ես ստորագրեցի, շարժիչի շչոցը հինգ անգամ մեծացավ, ես հայացքս ինքնահոսից բարձրացրեցի ու հասցրեցի նաև տեսնել, թե ինչպես էր շարժման ժամանակի մեջ փոքրանում անիվների վրա գտնվող արագընթաց բազկաթոռը, հավաքվեց ու անհետացավ կողմնային դռան ետևում։

Որևէ մեկը կարո՞ղ էր մտածել, որ երկու օրինակից կազմված այդ պայմանագիրը, որը ես ստորագրեցի երկու անգամ, գնում էր իմ հոգին և Օսկարին պարտավորեցնում ստոր չարագործություններ կատարել։ Ոչ մի նման բան։ Երբ դոկտոր Դյոշի օգնությամբ նախասրահում ուսումնասիրեցի պայմանագիրը, արագ և առանց դժվարության հասկացա, որ Օսկարի խնդիրը բացառապես կայանում է նրանում, որ մենահամերգով հանդիսատեսի առջև ելույթ ունենա իր թմբուկով այնպես, ինչպես դա արել է երեք տարեկան հասակում և, այնուհետև, ևս մեկ անգամ՝ Շմուհի «Սոխի մառանում»։ Համերգային գործակալությունն իր հերթին պարտավորվում էր նախապատրաստել իմ համերգային շրջագայությունները, այսինքն՝ ավելի վաղ, քան թմբկահար Օսկարը ելույթ կունենար իր թիթեղով, պետք է մի լավ հարված հասցներ գովազդային թմբուկին։

Մինչ գովազդային ընկերակցությունը ծավալվում էր, ես ապրում էի երկրորդ կանխավճարի հաշվին, որն ինձ վճարել էր «Արևմուտք» գործակալությունը։ Ժամանակ առ ժամանակ հանդիպում էի վարչարարական շենք, ելույթ էի ունենում լրագրողների առջև, թույլ էի տալիս ինձ լուսանկարել, մի անգամ մոլորվեցի այդ տուփի մեջ, որն ամենուրեք նույն հոտն էր արձակում, ամենուրեք նույն տեսքն ուներ և շոշափելիս ընկալվում էր որպես մի ինչ֊որ կատարյալ անպարկեշտություն, որը պատված էր մինչև անվերջություն ձգվող, ամեն ինչ մեկուսացնող պահպանակով։ Դոկտոր Դյոշն ու պուլովերով աղջիկն ինձ հետ առավել քան քաղաքավարի էին վերաբերվում, և միայն իմ խրատատու Բեբրային էր, որ այլևս երբեք չտեսա։

Ըստ էության ասած, ես դեռ համերգային շրջագայությունից առաջ կարող էի ավելի լավ բնակարան տեղափոխվել։ Սակայն հանուն Կլեփի ես մնացի Ցայդլերի մոտ, փորձեցի խաղախեցնել ընկերոջս, որն ինձ մեղադրում էր գործակալների հետ իմ շփումների համար, սակայն չէի համաձայնվում նրա հետ և այլևս Հին քաղաք չէի գնում, այլևս գարեջուր չէի խմում, սոխով թարմ արյունոտ երշիկ չէի ուտում, իսկ ապագա շրջագայություններին նախապատրաստվելու համար ճաշում էի կայարանային հոյակապ ռեստորաններում։

Օսկարն այստեղ իր հաջողությունները նկարագրելը տեղին չի համարում։ Իմ շրջագայության սկզբից մեկ շաբաթ առաջ հայտնվեցին այն առաջին, ամոթալի ազդեցիկ ցուցապաստառները, որոնք ազդարարում էին իմ հաջողության մասին՝ իմ ելույթի մասին տեղեկացնելով որպես կախարդի, բուժարարի, փրկչի։ Որպես սկիզբ՝ ես պետք է շրջայց կատարեի Ռուրի ավազանի քաղաքները։ Դահլիճները, որոնցում սպասվում էին իմ ելույթները, մեկ և կեսից մինչև երկու հազար հանդիսատես էին տեղավորում։ Ետնամասի սև թավշյա ֆոնի վրա ես լիակատար միայնակության մեջ պետք է կանգնեի բեմի վրա։ Լուսարձակի ճառագայթը ցույց էր տալիս ինձ։ Սմոքինգը գրկում էր իմ մարմինը, և չնայած ես թմբուկ էի նվագում, ինձ լսում էին ամենևին էլ ոչ ջազի երիտասարդ սիրահարները։ Ոչ, քառասունհինգից սկսած մեծահասակ մարդիկ լսում ու երկրպագում էին ինձ։ Որպեսզի արդեն բացարձակապես ճիշտն ասեմ, կասեմ, որ իմ հանդիսատեսի քառորդը կազմում էին քառասունհինգից մինչև հիսունհինգ տարեկան մարդիկ։ Դա իմ համախոհների ամենաերիտասարդ մասն էր։ Հաջորդ քառորդի մեջ մտնում էին հիսունհինգից մինչև վաթսուն տարեկան մարդիկ։ Իսկ իմ լսարանի ամենաբազմաթիվ ու շնորհալի մասը կազմում էին ծերունիներն ու ծեր կանայք։ Ես դիմում էի զառամյալ տարիքի մարդկանց, և նրանք ինձ պատասխանում էին, նրանք լռությու չէին պահպանում, երբ ես իմ երեք տարեկան թմբուկին ստիպում էի խոսել, նրանք ուրախանում էին իմ թմբուկի համար, սակայն իրենց ուրախությունն արտահայտում էին ոչ թե ծերերի լեզվով, այլ երեք տարեկանի թոթովումով՝ «Իզիմու, իզիմու, իզիմու» գոռալով, երբ Օսկարն ինչ֊որ բան էր նվագում Ռասպուտինի զարմանալի կյանքից։ Սակայն առավել մեծ հաջողություն էի ունենում, քան ելույթներս ռասպուտինյան թեմայով, որն ինքնըստինքյան արդեն լսողների մեծ մասի համար չափազանց բարդ էր, այն թեմաներով, որոնք գրեթե զուրկ էին գործողություններից, նկարագրում էին հոգեվիճակ, և որոնք ես ինձ համար այսպես էի վերնագրում․ առաջին ատամիկները, ծանր կապույտ հազ, երկար չանկռող բրդե գուլպաներ, ով երազում կրակ տեսնի, նա կթրջի անկողնու մեջ։ Ծերունիներին դա դուր էր գալիս։ Նրանք հոգով ու սրտով ընդունում էին իմ խաղը։ Նրանք տանջվում էին, քանի որ նրանք ատամնիկներ էին հանում։ Հասակն առած երկու հազար մարդիկ ջղաձիգ հազով երկար ետ ու առաջ էին քայլում, քանի որ ես նրանց խոցել էի կապույտ հազով։ Իսկ ինչպես էին քորվում, երբ ես նրանց բրդե երկար գուլպաներ էի հագցնում։ Հարգարժան տիկնանցից կամ հարգարժան պարոններից մեկը չէր, որ թրջում էր իր սպիտակեղենն ու բազկաթոռի նստատեղը, երբ ես նրանց ստիպում էի երազում հրդեհ տեսնել։ Արդեն չեմ էլ հիշում, թե որտեղ դա տեղի ունեցավ՝ կամ Վուպերտալում, կամ Բոխումում, չնայած ոչ, Բոխումում չէր, այլ Ռեկլինգհաուզենում․ ես ելույթ էի ունենում ծեր հանքափորների առջև, արհմիությունը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում, և ես մտածեցի, որ ծեր հանքափորները, որոնք տարիներով գործ են ունեցել սև քարածխի հետ, լիովին կարող են դիմանալ մեկ րոպեանոց սև սարսափին։ Եվ այսպես, Օսկարը նրանց համար «Սև խոհարարուհին» թմբկահարեց և դարձավ ականատեսն այն բանի, թե ինչպես հազար հինգ հարյուր հանքափորներ, որոնք իրենց կյանքում սարսափելի վատ եղանակներ, հանքախորշի մեջ ջրի ճեղքում, գոծադուլներ, գործազրկություն էին տեսել, հանկարծ չար Սև խոհարարուհու պատճառով սարսափելի գոռոց բարձրացրին, որի զոհը դարձան, հանուն ինչի էլ ես, ըստ էության, այս ամենը պատում եմ, համերգային դահլիճի հաստ վարագույրների ետևի բազմաթիվ պատուհանների ապակիները։ Ահա այսպես, զարտուղի ճանապարհով ես կրկին եկա իմ ապակի կտրող ձայնին, սակայն գրեթե չէի օգտվում իմ այդ ունակությունից, որպեսզի գործի շահերը չվնասեմ։

Իսկ իմ համերգային շրջագայությունը հենց ճիշտ այդպիսի գործ էր։ Երբ ես վերադարձա ու դոկտոր Դյոշի հետ ֆինանսական հաշվարկներ արեցի, պարզվեց, որ իմ թմբուկն ուղղակի ոսկու հանք է։

Ինձանից իմ խրատատու Բեբրայի վերաբերյալ հարց չլսելով, ես արդեն ինչ֊որ ժամանակ նրան կրկին տեսնելու հույսս կորցրել էի, դոկտոր Դյոշը հայտնեց, որ Բեբրան սպասում է ինձ։

Խրատատուիս հետ երկրորդ հանդիպումն ընթացավ ոչ այնպես, ինչպես առաջինը։ Օսկարը ստիպված չեղավ կանգնել պողպատյա կահույքի դիմաց, ընդհակառակը, նա տեսավ անիվների վրա բազկաթոռ, որը պատրաստված էր նրա չափսերով, նույնպես էլեկտրական շարժիչով, և այդ բազկաթոռը դրված էր հենց Բեբրայի բազկաթոռի դիմաց։ Մենք երկար նստեցինք, լուռ էինք, լսում էինք Օսկար թմբկահարի արվեստի վերաբերյալ քաղվածքներ մամուլի տեղեկություններից, որոնք դոկտոր Դյոշը ձայնագրել էր ժապավենի վրա և այժմ պտտեցնում էր։

Բեբրան բավական գոհ տեսք ուներ։ Իսկ ինձ որոշ չափով տանջում էին լրագրողների հիացմունքները։ Նրանք ինձանից կուռք էին կերտում, ինձ ու իմ թմբուկին բուժական մեծ հաջողություններ էին վերագրում։ Իբր թե ես կարող էի ապաքինել հիշողության թուլությունը, առաջին անգամ հնչեց «օսկարիզմ» բառը և շուտով հիմնավորապես մտավ գործածության մեջ։

Հետո պուլովերով աղջիկը ինձ համար թեյ պատրաստեց, իսկ խորհրդատուս լեզվի տակ երկու հաբ դրեց։ Մենք շատախոսում էինք։ Նա այլևս ինձ չէր մեղադրում։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես շատ տարիներ առաջ, երբ մենք նստած էինք «Տարվա չորս եղանակները» սրճարանում։ Երբ ես նկատեցի, որ իմ՝ Օսկարի անցյալի մասին միգուցե շատ երկարաշունչ պատմությունների ժամանակ խրատատուս ննջում է, ես էլի մոտավորապես քառորդ ժամ խաղացի իմ էլեկտրական աթոռի հետ, ստիպեցի նրան շչալ ու մանրահատակի վրայով դես ու դեն շարժվել, այն աջ ու ու ձախ էի շրջում, ստիպում էի մեծանալ ու փոքրանալ ու միայն դժվարությամբ կարող էի թողնել այդ ունիվերսալ արարչությունը, որի անսպառ հնարավորությունները մարդու մեջ անվանս֊մեղսակից հակում էին զարգացնում։

Իմ երկրորդ համերգային շրջագայությունը համընկավ նախասուրբծննդյան ժամանակահատվածի հետ։ Դրան համապատասխան էլ ես կառուցեցի իմ ծրագիրը և փառաբանության միահամուռ ձայներ լսեցի ինչպես կաթոլիկ, այնպես էլ բողոքական եկեղեցիների կողմից։ Զուր չէ, որ ինձ հաջողվում էր ծեր, անուղղելի մեղավորներին վերածել երեխաների, որոնք բարակ ձայնով զգացմունքային երգեր էին երգում։ «Քեզանով եմ ես ապրում, Հիսուս, քեզ եմ ես երգում, Հիսուս»՝ երգում էր երկու հազար հինգ հարյուր մարդ, որոնցից, հաշվի առնելով նրանց զառամյալ հասակը, ոչ մեկը նման մաքուր մանկական հավատի չէր սպասում։

Նույնչափ նպատակասլաց էի ես ինձ պահում նաև երրորդ համերգային շրջագայությանս, որն անցավ կառնավալի ժամանակ։ Այսպես կոչված մանկական կառնավալներից ոչ մեկի ժամանակ մթնոլորտն ավելի ուրախ ու անբռնազբոսիկ չէր և չէր էլ կարող լինել, որքան իմ ելույթի ժամանակ, որոնք ծերությունից ցնցվող ցանկացած տատիկի, ցանկացած քայքայված պապիկի վեր էին ածում զվարճալի միամիտ հարսնացուի և կրակոցներ արձակող ավազակապետի։

Դիմակահանդեսներից հետո ես պայմանագիր ստորագրեցի գրամոֆոնի ձայնասկավառակներ թողարկող ձեռնարկության հետ։ Ձայնագրությունը տեղի էր ունենում անձայնաթափանցիկ պատերով ստուդիայում, սկզբում ես դժվարություններ էի զգում չափից դուրս ստերիլ մթնոլորտի պատճառով, հետո պահանջեցի, որպեսզի ստուդիայի պատերից այնպիսի ծերունիների ու ծեր կանանց մեծ լուսանկարներ կախեն, որպիսին կարելի էր հանդիպել ծերանոցներում և զբոսայգիների նստարանների վրա, ինչից հետո կարողացա թմբկահարել ոչ պակաս ներգործունորեն, քան մարդկային շնչով տաքացրած դահլիճներում համերգների ժամանակ։

Սկավառակները տարածվում էին, ինչպես բուլկիները նախաճաշի ժամանակ, և Օսկարը հարստացավ։ Հրաժարվե՞ց նա, արդյոք, այդ պատճառով իր խղճուկ սենյակից, ասել է թե ցայդլերյան բնակարանի նախկին լոգասենյակից։ Ոչ, չհրաժարվեց։ Իսկ ինչո՞ւ չհրաժարվեց։ Ես իմ սենյակից չհրաժարվեցի հանուն իմ ընկեր Կլեփի և հանուն անթափանցիկ ապակու ետևի դատարկ սենյակի, որտեղ ինչ֊որ ժամանակ ապրել ու շնչել էր քույր Դորոթեան։ Իսկ ի՞նչ արեց Օսկարը փողի այդպիսի կույտի հետ։ Նա Մարիային՝ իր Մարիային որոշ առաջարկություն արեց։ Ես նրան ասացի՝ եթե դու վռնդես քո Շտենցելին, ոչ միայն նրա հետ չամուսնանաս, այլև ընդհանրապես վռնդես, ես քո համար բարգավաճող, ժամանակակից ոճով սարքավորված նրբախորտիկների խանութ կգնեմ, քանզի վերջիվերջո դու, թանկագին Մարիա, ծնված ես առևտրի, այլ ոչ թե մի ինչ֊որ ապօրինի ծնված պարոն Շտենցելի համար։

Եվ ես Մարիայի հարցում չսխալվեցի։ Նա բաժանվեց Շտենցելից, իմ փողերով Ֆրիդրիխշտրասե փողոցում առաջնակարգ խանութ կահավորեց, իսկ մեկ շաբաթ առաջ Օբերկասելի վրա, ինչպես երեկ ուրախությամբ և ոչ առանց երախտագիտության ինձ տեղեկացրեց Մարիան, հաջողվեց բացել այն խանութի մասնաճյուղը, որը հիմնադրվել էր երեք տարի առաջ։

Ո՞րերորդ համերգային շրջագայությունից ես վերադարձա այդ ժամանակ՝ յոթերո՞րդ, թե՞ ութերորդ։ Դա տեղի ունեցավ շոգ հուլիսին։ Գլխավոր կայարանում ես տաքսի կանչեցի և անմիջապես մեկնեցի գործակալություն։ Ինչպես Գլխավոր կայարանում, այնպես էլ բարձրահարկ շենքի դիմաց ինձ էին սպասում ստորագրություն հավաքող ձանձրացնող թոշակառուներն ու ծեր կանայք, որոնք ավելի լավ կլիներ իրենց թոռներին խնամեին։ Ես կարգադրեցի անմիջապես իմ մասին զեկուցել պետին, սովորության համաձայն դռները տեսա լայն բացված, տեսա գորգը, որը տանում էր դեպի պողպատյա կահույքը, սակայն սեղանի այն կողմում նստած չէր իմ խրատատուն, և անիվներով բազկաթոռը չէր սպասում ինձ, այլ դոկտոր Դյոշի ժպիտը։

Բեբրան մահացել է։ Արդեն մի քանի շաբաթ է, որ իմ խրատատու Բեբրան այս աշխարհում չէ։ Բեբրայի ցանկությամբ ինձ ոչինչ չհայտնեցին նրա ծանր վիճակի մասին։ Աշխարհում ոչինչ, նույնիսկ նրա մահը, չպետք է ընդհատեր իմ համերգային շրջագայությունը։ Երբ որոշ ժամանակ անց բացեցին նրա կտակը, պարզվեց, որ ես ժառանգել եմ բավականին մեծ կարողություն և Ռոզվիտայի մինչև գոտկատեղ դիմանկարը, սակայն զգալի ֆինանսական կորուստներ կրեցի, քանի որ չափից դուրս ուշ հրաժարվեցի Հարավային Գերմանիայում և Շվեյցարիայում երկու պայմանագրային համերգային շրջագայություններից, ինչի պատճառով ինձանից պահանջեցին և տուժավճար ստացան։

Եթե շեղվենք մի քանի հազար մարկից՝ Բեբրայի մահը ինձ ծանր ու երկար ժամանակով խոցեց։ Ես կողպեցի իմ թմբուկը և գրեթե դուրս չէի գալիս սենյակից։ Դրան ավելացրած իմ ընկեր Կլեփը հենց այդ ժամանակ ամուսնացավ, կնության առավ սիգարետներ վաճառող մի շիկամազ աղջկա, իսկ այդ ամենն այն պատճառով, որ ինչ֊որ ժամանակ նրան էր նվիրել իր լուսանկարը։ Հարսանիքից քիչ առաջ, որին ինձ չհրավիրեցին, նա հրաժարվեց սենյակից, տեղփոխվեց Շտոկում, և Օսկարը մնաց Ցայդլերի միակ վարձակալը։

Ոզնու հետ իմ հարաբերությունները որոշ չափով փոխվել էին։ Այն բանից հետո, երբ գրեթե յուրաքանչյուր թերթ հաստ տպատառով տպում էր իմ անունը, նա իմ նկատմամբ դարձավ իսկը ակնածանք, հանձնեց, իհարկե ոչ ձրի, քույր Դորոթեայի դատարկ սենյակի բանալիները, ավելի ուշ ես վարձեցի այդ սենյակը, որպեսզի նա այլևս ոչ մեկին այն վարձով չկարողանար տալ։

Եվ այսպես, իմ թախիծը շարժվում էր իր ուղով։ Ես բացում էի երկու դռները և կոկոսե ուղեգորգի վրայով սկսում էի քայլել իմ սենյակի լոգարանից մինչև քույր Դորոթեայի վանդակը, այնտեղ բութ հայացքով նայում էի զգեստապահարանին, կոմոդի վերևի հայելուն հնարավորություն չէի տալիս ինձ ծաղրել, ծանր, առանց անկողնու մահճակալի առջև տրվում էի հուսահատությանը, փրկվում էի միջանցք փախչելով, կոկոսե մանրաթելերից փախչում էի իմ սենյակ, սակայն այնտեղ էլ չէի կարողանում երկար դիմանալ։ Հնրարավոր է միայնակ մարդկանց հաշվի առնելով որպես իր ապագա հաճախորդների՝ Արևելյան Պրուսիայից մի ոմն գործարար տիպ, որը Մազուրներում կորցրել էր դաստակերտը, Յուլիխերշտրասեից ոչ հեռու բացել էր հաստատություն, որն անվանել էր պարզ ու հասարակ․ «Շների վարձույթ»։

Այնտեղ էլ ես վարձույթով վերցրեցի ուժեղ, սև ու փայլուն Լյուքսին, մի քիչ գիրացած ռոտվեյլերին։ Նրա հետ ես գնում էի զբոսնելու, որպեսզի բնակարանում իմ լոգարանի ու քույր Դորոթեայի դատարկ պահարանի միջև դես ու դեն չնետվեմ։

Լյուքսը ինձ հաճախ տանում էր Հռենոսի ափը։ Այնտեղ նա հաչում էր շոգենավերի վրա։ Նա նաև հաճախ ինձ տանում էր դեպի Ռատ՝ Գրաֆենբերգյան անտառ։ Այնտեղ նա հաչում էր զույգերի վրա։ Հիսունմեկ թվի հուլիսի վերջին Լյուքսը ինձ տարավ Դյուսելդորֆի արվարձան՝ Գերեսհայմ, որն ինչ֊որ արթյունաբերության, օրինակ, ապակու գործարանի օգնությամբ, չնայած դժվարությամբ, թաքցնում էր իր գյուղական ծագումը։ Գերեսհայմից անմիջապես այն կողմ սկսվում էին այգեգործական հողակտորները, իսկ հողակտորների միջև, կողքին ու դրանից ետ իր ցանկապատերն էր շարել արոտավայրը, ծփում էին դաշտերը՝ իմ կարծիքով դա տարեկան էր։

Հիշատակե՞լ եմ ես, արդյոք, որ այն օրը, երբ Լյուքս շունն ինձ հասցրեց Գերեսհայմ և դուրս բերեց Գերեսհայմից այն կողմ, տարեկանի դաշտերի ու այգեգործական հողակտորների միջև, շատ շոգ էր։ Միայն այն բանից հետո, երբ ետևում մնացին արվարձանի վերջին տները, ես Լյուքսին թոկից բաց թողեցի։ Սակայն նա մնում էր իմ ոտքերի մոտ, նա հավատարիմ շուն էր, հազվագյուտ հավատարիմ, քանզի, որպես վարձույթի շուն, պետք է հավատարմություն դրսևորեր բազմաթիվ տերերի հանդեպ։

Այլ խոսքերով, ռոտվեյլեր Լյուքսը ինձ լսում էր, դա ձեզ համար ինչ֊որ տաքսա չէ։ Ես նրա հնազանդությունը չափից դուրս էի համարում, ես կնախընտրեի, որպեսզի նա թռներ, ես նրան նույնիսկ ոտքով հարվածում էի, սակայն նա եթե նույնիսկ փախչում էր, ապա խղճի խայթի զգացումով, անընդհատ շրջում էր սև հարթ պարանոցով գլուխը և ինձ էր նայում, ասացվածք դարձած, շան նման հավատարիմ հայացքով։

― Հեռացի՛ր, Լյուքս, ― պահանջում էի ես։ ― Կորի՛ր։

Լյուքսը շատ անգամ հնազանդվում էր, սակայն այնքան կարճատև, որ ես թեթևացած շունչ էի քաշում, երբ նա ինչ֊որ տեղ երկար էր մնում, անհետանում էր հասկերի մեջ, որոնք քամու ներքո ալիք֊ալիք քայլում էին և, անկասկած, տարեկանի հասկեր էին, չնայած ինչ է նշանակում «քամու ներքո»՝ ոչ մի քամի էլ չկար, ուղղակի ամպրոպի հոտ էր գալիս։

«Կա֊չկա նա ճագարին վախեցրեց», ― մտածեցի ես։ Իսկ միգուցե նրա մոտ էլ միայնակ մնալու՝ շուն մնալու պահանջ առաջացավ, ինչպես որ Օսկարն էր ուզում՝ մնալով առանց շան, որոշ ժամանակ մնալ որպես մարդ։

Շրջակա տեսարաններն ինձ ամենևին չէին գրավում։ Ո՛չ այգեգործական հողակտորները, ո՛չ Գերեսհայմը, ո՛չ նրանից ետ ընկած միաչափ, ծխի մեջ քաղաքը չէին գրավում իմ հայացքը։ Ես նստեցի դատարկ, ժանգոտված թմբկագլանի վրա։ Ինչու եմ ես նրան անվանում թմբուկ․ որովհետև, հենց նոր նստելով, Օսկարը ձեռքի ոսկորներով սկսեց նրա վրա թմբկահարել։ Տաք եղանակ էր։ Կոստյումը ճնշում էր ինձ, ամառվա համար բավականաչափ թեթև չէր։ Լյուքսը հեռացել էր։ Լյուքսը չէր վերադառնում։ Մետաղամալուխե թմբկագլանը, իհարկե, ինձ համար չէր փոխարինում թիթեղյաին, սակայն, այնուամենայնիվ, ես դանդաղ լող էի տալիս դեպի անցյալը, իսկ երբ մնացի տեղում, երբ իմ առջև շարունակ հայտնվում էին հիվանդանոցային հիշողություններով լի վերջին տարիների պատկերները, գետնից երկու չոր փայտ վերցրեցի ու ինքս ինձ ասացի․ սպասիր, Օսկար, եկ վերջապես տեսնենք, թե ով ես դու և որտեղից էս եկել։ Եվ ահա արդեն իմ առջև լույսով լցվեցին իմ ծննդյան ժամի երկու հարյուր վաթսուն մոմանոց լամպերը։ Թիթեռնիկը դղրդում էր նրանց միջև, հեռավոր ամպրոպը շարժում էր ծանր կահույքը։ Ես լսեցի Մացերատի, իսկ դրանից հետո մայրիկիս ձայնը։ Մացերատը ինձ կրպակ էր խոստանում, մայրիկս խաղալիք խոստացավ, երեք տարեկան հասակում ես պետք է թմբուկ ստանայի, և Օսկարն էլ ահա ձգտում էր հնարավորին չափ շուտ թռչել֊անցնել այդ երեք տարիների վրայով․ ես ուտում էի, խմում էի, փսխում էի, կազդուրվում էի, թույլ էի տալիս ինձ օրորել, բարուրել, լողացնել, մաքրել, վրաս պուդրա շաղ տալ, պատվաստել, պաշտել, անունով դիմել, ընդառաջ գնալով ցանկություններին՝ ժպտում էի, պղպջակներ թողնում երբ կամենայի, քնում էի, երբ ժամանակն էր քնել, արթնանում էի ճիշտ ժամանակին, իսկ քնիս մեջ ընդունում էի այն դեմքը, որը մեծահասակները հրեշտակային են անվանում։ Բազմաթիվ անգամ փորլուծություն ունեցա, ես հաճախ էի մրսում, ինչ֊որ տեղ կապույտ հազ թռցրեցի, այն երկար ժամանակ թողեցի ինձ մոտ և տվեցի միայն այն բանից հետո, երբ կարողացա հասկանալ նրա բարդ ռիթմը և այն ընդմիշտ պահել դաստակներիս մեջ, քանզի, ինչպես հայտնի է բոլորին, «Կապույտ հազ» համերգային համարը մնում էր իմ խաղացանկում, և երբ Օսկարը երկու հազար հանդիսատեսների առջև կապույտ հազ էր թմբկահարում, բոլոր երկու հազար ծերունիներն ու ծեր կանայք սկսում էին երկար հազալով քայլել։

Լյուքսը կաղկանձելով վազեց ինձ մոտ և սկսեց քսմսվել ծնկներիս։ Ախ, այդ վարձույթի բյուրոյի շունը, որին վարձույթով վերցնելն ինձ իմ միայնակությունը թելադրեց։ Նա կանգնել էր իր չորս թաթերի վրա, շարժում էր պոչը, շնից շուն էր, նա շան հայացք ուներ և փսլնքոտ երախի մեջ ինչ֊որ բան․ փայտիկ, քար, դե էլ ինչն է շան համար արժեք ներկայացնում։

Ինձ համար այդքան կարևոր կյանքիս սկիզբը դանդաղ ու սահուն հեռանում էր ինձանից։ Անցնում էր բերանիս ցավը, որը խոստանում էր առաջին ատամներիս դուրս գալը, ես հոգնած մարմնով թեքվեցի ետ, մեծահասակ, հագնված փոքր֊ինչ ավելի տաք, քան հարկն է, ձեռքի ժամացույցով կուզիկս, անձը հաստատող փաստաթղթերով, դրամապանակիս մեջ՝ թղթադրամների կապուկով։ Ես շուրթերով արդեն սեղմել էի սիգարետը և նրան էի մոտեցնում լուցկին՝ նրա վրա դնելով իմ բերանից միանշանակ մանկության համը դուրս մղելու խնդիրը։

Իսկ Լյո՞ւքսն ինչ։ Լյուքսը քսմսվում էր ինձ։ Ես վռնդեցի նրան, ես նրա վրա ծխի ամպ փչեցի։ Նա իր հայացքով լպստում էր ինձ։ Ես, ծիծեռնակներ փնտրելով, աչքերով զննեցի հեռախոսասյուների հաղորդալարերը, ես ծիծեռնակներին ուզում էի օգտագործել որպես միջոց աներեսաբար կպչող շների դեմ։ Սակայն ծիծեռնակներ չկային, և ինձ չհաջողվեց Լյուքսին վռնդել։ Նրա մռութը ցցվել էր ոտքերիս արանքում և այնքան վստահ էր կպել մի տեղին, կարծես վարձույթի տնօրենը նրան վարժեցրել էր հատուկ այդ նպատակի համար։

Իմ կրունկը երկու անգամ հարվածեց նրան։ Նա ետ գնաց, դողալով կանգնեց իր չորս թաթերի վրա և, այնուամենայնիվ, այնքան ինքնավստահ էր մոտեցնում ինձ իր մռութը, կարծես նրա ատամների մեջ ոչ թե փայտիկներ էին կամ քար, այլ իմ դրամապանակը, որի առկայությունը ես զգում էի իմ պիջակի մեջ, ինչպես իմ ժամացույցը, որը հստակ տկտկում էր դաստակիս վրա։ Այդ դեպքում ի՞նչ էր նա պահում։ Ինչն էր նրա համար այդքան կարևոր ու ցուցադրման համար այդքան արժանի։ Ես արդեն ձեռքս մտցրել էի նրա տաք ծնոտների արանքը, ես այն անմիջապես վերցրեցի ձեռքս և անմիջապես հասկացա, թե հատկապես ինչ վերցրեցի, սակայն ձևացրեցի, թե իբր փնտրում եմ մի բառ, որն ունակ է սահմանել այն գտածուն, որը Լյուքսը տարեկանի դաշտից բերեց ինձ։

Գոյություն ունեն մարդկային մարմնի այնպիսի մասեր, որոնք, լինելով մարմնից առանձնացված, պոկված, ենթակա են առավել ճշգրիտ ու հեշտ ուսումնասիրման։ Դա մատն է։ Կանացի մատ։ Մատնեմատ։ Կանացի մատնեմատ։ Նրբաճաշակ մատանիով կանացի մատնեմատ։ Դաստակի բծի և մատի առաջին հոդի միջև մատանուց մոտ երկու սանտիմետր ներքև մատը թույլ էր տվել իրեն առանձնացնել։ Մկանները ծալող ջրից մաքուր ու հստակ կռահելի հատվածամաս էր պահպանվել։

Դա գեղեցիկ, դա շարժուն մատ էր։ Մատանու քարը, որը պահում էին ոսկյա վեց կեռիկները, ես անմիջապես անվանեցի ծովաբյուրեղ և, ինչպես պարզվեց հետագայում, լիովին ճիշտ էի։ Իսկ բուն մատանին մի տեղում այն աստիճան բարակ էր, կոտրվելու վտանգի չափ մաշված, որ ես անմիջապես որոշեցի, որ դա տոհմական թանկարժեք զարդ է։ Չնայած կեղտը կամ, ավելի ստույգ, հողը նրա եղունգի տակ գիծ էր գծել, կարծես այդ մատը ստիպված էր եղել քերծել կամ փորել հողը, եղունգի եզրերը և նրա կառուցվածքը խնամվածության տպավորություն էին թողնում։ Հետո, այն բանից հետո, երբ ես մատը հանեցի տաք երախից, սառն էր թվում, իսկ նրան բնորոշ դեղնավուն սփրթնածությունը արդարացնում էր այդ սառնությունը։

Արդեն մի քանի ամիս էր, ինչ Օսկարը պիջակի կրծքամասի գրպանում եռանկյունի ծալված ու այնտեղից դուրս ցցված թաշկինակ էր կրում։ Հենց այդ մետաքսե կտորն էլ նա հանեց գրպանից, փռեց, նրա վրա դրեց մատնեմատը՝ ընթացքում որոշելով որ մատի․ ներսային կողմի մինչև երրորդ հոդը պատված էր գծերով, որոնք վկայում էին ջանասիրության, նպատակասլացության ու փառասեր համառության մասին։

Մատը թաշկինակի մեջ թաքցնելով՝ ես վեր կացա մետաղամալուխի թմբկագլանի վրայից, փաղաքշանքով թոթովեցի Լյուքսի պարանոցը, աջ ձեռքումս պահելով թաշկինակը և թաշկինակի մի մատը, պատրաստվեցի բարով ճանապարհ ընկնել, ուզում էի շարժվել դեպի Գերեսհայմ, դեպի տուն, իմ գտածոյի վերաբերյալ տարբեր մտադրություններ ունեի, հասցրեցի նույնիսկ մոտենալ մոտակա այգեգործական հողատարածքի ցանկապատին, սակայն այդ ժամանակ ինձ ձայն տվեց Վիտլարը, որը պառկած էր երկփեղկված խնձորենու ճեղքի վրա և այդ դիրքից անընդհատ հետևում էր ինձ ու որսորդական շանը։


Վերջին տրամվայը կամ պահածոյացման համար բանկայի աստվածացումը

Թեկուզ վերցնենք նրա ձայնը․ ամբարտավան, ճոռոմախոս, ռնգախոս։ Եվ այսպես, նա պառկած էր խնձորենու ճեղքի վրա և ասաց․

― Լավ շուն ունեք, իմ պարոն։

Ես՝ ի պատասխան, որոշ չափով շփոթված․

― Իսկ դուք ի՞նչ եք անում խնձորենու վրա։

Նա իր ճեղքի վրա սկսեց սիրունանալ, կոտրատվելով ուղղեց իր իրանը։

― Սրանք ընդամենը խնձորներ են, ընդամենը եփելու խնձորներ են։ Աստծու սիրուն, ոչնչից մի վախեցեք։

Ստիպված եղա նրան կարգի հրավիրել․

― Անկեղծ ասած, ես ի՞նչ կապ ունեմ ձեր եփելու խնձորների հետ։ Եվ ինչո՞ւ պետք է վախենամ։

― Դե, գիտեք ինչ, ― նա սկսեց օձի պես շարժել լեզուն, ― դուք ինձ լիովին կարող եք դրախտային օձ համարել, քանզի եփելու խնձոր դեռ այն ժամանակ գոյություն ուներ։

Ես կատաղաբար․

― Այլաբանական դատարկախոսություն։

Նա աներևակայելի խորամանկությամբ․

― Դուք կարծում եք, որ միայն դեսերտային մրգե՞րն են մեղքի արժանի։

Ես արդեն ուզում էի հեռանալ, քանզի այդ րոպեին ոչինչ առավել անտանելի չէր թվում, քան դրախտում աճած մրգերի վերաբերյալ բանավեճը, սակայն այդ ժամանակ նա մի կողմ թողեց կողմնակի ակնարկները, ճարպկորեն ցած թռավ իր ճեղքի վրայից, երկարահասակ ու անհավասարակշիռ կանգնեց ցանկապատի դիմաց։

― Իսկ այդ ի՞նչ բերեց ձեր շունը տարեկանի դաշտից։

Ախր, ինչո՞ւ ես պատասխանեցի․

― Նա քար բերեց։

Խոսակցությունը վերածվում էր հարցաքննության։

― Եվ դուք քարը թաքցնում եք ձեր գրպանո՞ւմ։

―Ես ընդհանրապես չեմ սիրում գրպանումս քարեր կրել։

― Իսկ ինձ այն, ինչ շունը բերեց, ավելի շուտ փայտիկ էր հիշեցնում։

― Ես շարունակում եմ պնդել, որ դա քար էր, եթե թեկուզ այն տասը անգամ եղել էր կամ կարող էր փայտիկ լինել։

― Կարճ ասած, այնուամենայնիվ փայտի՞կ էր։

― Իսկ ինձ համար տարբերություն չկա, փայտիկ էր, թե քար, եփելու, թե դեսերտի խնձոր․․․

― Ընդ որում շարժվո՞ղ փայտիկ։

― Շունս դեպի տուն է ձգտում, ես գնացի։

― Փայտիկը մարմնագո՞ւյն է։

― Ավելի լավ է դուք զբաղվեիք ձեր խնձորներով։ Գնանք, Լյուքս։

― Փայտիկը մարմնագույն է, շարժվող ու մատանիո՞վ։

― Ի՞նչ եք դուք ուզում ինձանից։ Ես սովորական անցորդ եմ, որը զբոսանքի համար վարձույթով շուն է վերցրել։

― Հասկանո՞ւմ եք, ես նույնպես վարձույթով ինչ֊որ բան կցանկանայի վերցնել։ Չի կարելի ինձ, արդյոք, թեկուզ մեկ վայրկյանով ճկույթիս հագցնել այն շատ գեղեցիկ մատանին, որը փայլում էր ձեր փայտիկի վրա՝ այն վերածելով մատի։ Իմ անունը Վիտլար է, Գոթֆրիդ ֆոն Վիտլար, վերջինը մեր տոհմում։

Այդպես էլ ծանոթացա Վիտլարի հետ, այդ նույն օրը նրա հետ ընկերացա, մինչ օրս էլ նրան համարում եմ իմ ընկերը և այդ իսկ պատճառով ոչ ավելի ուշ, քան մի քանի օր առաջ, երբ ինձ այցելության եկավ, նրան ասացի․

― Ես ի սրտե ուրախ եմ, սիրելի Գոթֆրիդ, որ հատկապես դու՝ ընկերս, մատնեցիր ինձ ոստիկանությանը, այլ ոչ թե մի ինչ֊որ առաջին հանդիպած մարդ։

Եթե աշխարհում գոյություն ունեն հրեշտակներ, ապա Վիտլարը նրանցից մեկն է, երկարահասակ, թեթևսոլիկ, աշխույժ, ծալվող, որին ավելի շուտ կարելի է պատկերացնել փողոցային լապտերներից ամենաանօգուտին գրկած, քան նրան փարվող տաք աղջկան։

Վիտլարին դժվար է միանգամից նկատելը։ Ամեն անգամ ներկայացնելով իր երրորդություններից մեկը՝ նա կարող է, հանգամանքներից կախված, կերպարանափոխվել թելի, բանջարանոցային խրտվիլակի, վերարկուի համար կախիչի, գետնին ընկած փլատակի։ Ահա թե ինչու ես նրան չնկատեցի, երբ նստած էի մետաղամալուխե թմբկագլանին, իսկ նա պառկած էր խնձորենու վրա։ Չէ՞ որ նույնիսկ շունը չսկսեց հաչել, քանզի շունը չի կարող ո՛չ հրեշտակի հոտը առնել, ո՛չ տեսնել, ո՛չ հաչել։

― Բարի եղիր, ― խնդրեցի ես նրան նախանցյալ օրը, ― ուղարկիր ինձ այն մատնագրի տեքստը, որը դու արեցիր երեք տարի առաջ և որից սկսվեց իմ դատավարությունը։

Եվ ահա իմ առջև դրված է այդ մատնագրի պատճենը, և ես խոսքը տալիս եմ իրեն՝ նրան, ով դատարանում գործեց իմ դեմ․

«Ես՝ Գոթֆրիդ ֆոն Վիտլարս, հիշյալ օրը պառկած էի խնձորենու ճեղքի վրա, որ աճում է իմ մայրիկի այգեգործական հողակտորում և ամեն տարի ճիշտ այնքան խնձոր է տալիս, որքան խնձորի պովիդլոյի տեսքով կարող են տեղավորել պահածոյացման համար մեր յոթ բանկաները։ Եվ այսպես, ես պառկած էի ճեղքի վրա, հետևաբար պառկած էի կողքիս՝ ձախ քունքոսկրս տեղավորելով ճեղքի ամենախորը, թեթևակի մամուռով պատված կետում։ Իմ ոտնաթաթերը մատներով ցույց էին տալիս Գերեսհայմի ուղղությամբ։ Իսկ ես նայում էի, ի միջի այլոց, ո՞ւր էի ես նայում, իսկ նայում էի ես ուղիղ իմ դիմաց և հույս ունեի, որ իմ տեսադաշտում ինչ֊որ բան տեղի կունենա։

Եվ այդ ժամանակ իմ տեսադաշտ մտավ մեղադրյալը, որն այսօրվա դրությամբ համարվում է իմ ընկերը։ Նրան ուղեկցում էր շունը, նա վազում էր նրա շուրջը և, ընդհանրապես, իրեն պահում էր այնպես, ինչպես որ հարկն է շներին, իսկ նրան անվանում էին, ինչի մասին հետագայում ինձ հայտնեց մեղադրյալը, Լյուքս, ցեղը՝ ռոտվեյլեր, նրան կարելի է վարձույթով վերցնել վարձույթի բյուրոյում, որը Սուրբ Ռոխայի եկեղեցու մոտակայքում է։

Մեղադրյալը նստեց դատարկ թմբկագլանի վրա, որը պատերազմի ավարտից հետո ընկած էր իմ տատիկ Ալիսա ֆոն Վիտլարի այգեգործական հողակտորի դիմաց։ Բարձր դատարանին հայտնի է, որ մեղադրյալի հասակը կարելի է սահմանել որպես փոքր ու արատավոր։ Դա անմիջապես ընկավ իմ աչքին։ Ինձ էլ անսովոր թվաց փոքրիկ, լավ հագնված պարոնի պահվածքը։ Նա երկու չոր ճյուղերով թմբկահարում էր ժանգոտված մետաղամալուխի թմբկագլանի, ասել է թե թմբուկի վրա։ Սակայն եթե ուշադրություն դարձնենք, որ մեղադրյալը մասնագիտությամբ հենց թմբկահար է և, ինչպես պարզվեց հետագայում, որտեղ էլ որ հայտնվի, տրվում է իր զբաղմունքին, և որ մետաղամալուխի թմբկագլանը, չէ՞ որ զուր չեն նրան այդպես անվանում, նույնիսկ ամենաընդունակ մարդուն կհրահրեր փայտիկներով աշխատել, հարկ կլինի խոստովանել հետեևյալը․ նախաամպրոպյան ամառային օրով մեղադրյալ Օսկար Մացերատը նստել էր մետաղամալուխի թմբկագլանի վրա, որն ընկած էր տիկին Ալիսա ֆոն Վիտլարի այգեգործական հողակտորի դիմաց և տարբեր չափսերի երկու չոր ճյուղերի օգնությամբ ռիթմիկ կազմակերպված ձայներ էր արձակում։

Այնուհետև ես պետք է ցույց տամ, որ Լյուքս շունը բավական երկար ժամանակ անհետացավ արդեն հունձքի համար հասած տարեկանի դաշտում։ Իսկ եթե դուք ինձ հարցնեք, թե կոնկրետ որքան ժամանակով նա անհետացավ, ես կդժվարանամ պատասխանել, քանզի բավական է ես պառկեմ իմ խնձորենու ճեղքի վրա, և ինձ անմիջապես լքում է ժամանակի ցանկացած զգացում։ Եվ եթե ես այնուամենայնիվ ասում եմ, որ շունը երկար ժամանակ բացակայում էր, դա կարող է ընդամենը նշանակել, որ ես ինչ֊որ կերպ զգում էի այդ շան պակասը, քանի որ ինձ դուր եկան նրա սև մորթին ու կախված ականջները։

Իսկ մեղադրյալի համար, կարծում եմ, բոլոր հիմքերն ունեմ այդպես ասելու, նրա պակասը չէր զգացվում։

Երբ Լյուքս անունը կրող շունը վերադարձավ արդեն հունձի համար հասած տարեկանի դաշտից, երախում ինչ֊որ բան էր բռնել։ Չեմ համարձակվի պնդել, իբր ես անմիջապես հասկացա, թե հատկապես ինչ է նա բռնում։ Որոշեցի, որ դա փայտ է, ավելի շուտ՝ քար, իսկ միգուցե, պակաս հավանականությամբ, թիթեղյա տուփ կամ թիթեղյա գդալ։ Միայն երբ մեղադրյալը շան երախից հանեց corpus dellcti, ես հստակ տեսա, թե ինչի հետ մենք գործ ունենք։ Սակայն այն պահից, երբ շունը, որքան հիշում եմ, քսմսվեց մեղադրյալի շալվարի ձախ կողքին, դեռևս երախում ինչ֊որ բան պահելով, և, ցավոք, արդեն որևէ սահմանման չենթարկվող պահից, երբ մեղադրյալը տիրոջական տեսքով այն վերցրեց երախից, ամենազգույշ հաշվարկներով անցավ մի քանի րոպե։ Որքան էլ շունը փորձում էր գրավել իրեն վարձած տիրոջ ուշադրությունը՝ վերջինս միայն անդադար թմբկահարում էր այն միապաղաղ, տպավորիչ, սակայն անիմանալի եղանակով, որով թմբկահարում են երեխաները։ Միայն երբ շունը համարձակվեց դիմել անվայելուչ արարքի և խոնավ մռութով խցկվեց մեղադրայլի ոտքերի արանքը, նա մի կողմ նետեց փայտիկները և ոտքով հարվածեց, դա հաստատ եմ հիշում, շանը աջ ոտքով հարվածեց։ Շունը տիրոջ շուրջ կիսաշրջան կատարեց, սակայն հետո, շան նման դողալով, կրկին մոտեցավ նրան և առաջ մեկնեց դեռևս ինչ֊որ բան պարունակող երախը։

Տեղից վեր չկենալով, այլ խոսքերով՝ նստած, մեղադրյալը ձեռքը մտցրեց՝ այս անգամ ձախը, շան ատամների արանքը։ Իր գտածոյից ազատվելով՝ Լյուքս շունը մի քանի մետր ետ֊ետ գնաց։ Իսկ մեղադրյալն ինքը շարունակում էր նստած մնալ՝ գտածոն ձեռքում բռնած, փակեց ափը, կրկին բացեց, կրկին փակեց և երբ նա այն երկրորդ անգամ բացեց, նրա գտածոյի վրա ինչ֊որ բան էր փայլում։ Իր գտածոյի տեսքի հետ ընտելանալով՝ նա այն բութ մատով ու ցուցամատով բարձրացրեց և հորիզոնական դիրքով պահեց աչքերի հարթության վրա։

Այդ գտածոն միայն այժմ եմ ես մատ անվանում, նրա փայլելու կապակցությամբ ճշտում եմ․ մատնեմատ և նույնիսկ դրանում չկասկածելով, անվանում եմ տալիս հետպատերազմական ժամանակի ամենահետաքրքիր դատավարություններից մեկին, քանզի ինձ՝ Գոթֆրիդ ֆոն Վիտլարիս, մատնեմատի դատավարության ամենակարևոր վկան են անվանում։

Քանի որ մեղադրյալը հանգստություն պահպանեց, ես ևս հանգստություն էի պահպանում։ Այո, նրա հանգստությունը փոխանցվեց ինձ։ Եվ երբ մեղադրյալը մատանիով մատը խնամքով փաթաթեց թաշկինակի մեջ, որը մինչ այդ սիրատածուի պես պահպանում էր իր պիջակի կրծքի վրայի գրպանում, ես թմբկագլանի վրա նստած այդ մարդու հանդեպ լցվեցի համակրանքի զգացումով․ շատ արժանավոր պարոն է, մտածեցի ես, լավ կլիներ նրա հետ ծանոթանալ։

Այդպես էլ ես ձայն տվեցի նրան, երբ իր վարձույթով վերցրած շան հետ ցանկանում էր հեռանալ Գերեսհայմի ուղղությամբ։ Սկզբում նա ափսոսանքով արձագանքեց, ես կասեի նույնիսկ՝ մեծամտորեն։ Ես մինչ օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչ պատճառով մեղադրյալը իմ մեջ օձի խորհրդանշանական մարմնավորում տեսավ, միայն այն բանի պատճառով, որ ես պառկած էի խնձորենու սաղարթավոր մասի վրա։ Իմ տատիկի չինական խնձորները ևս նրա մեջ կասկած առաջացրին։ Նա ասաց, որ դրանք, անկասկած, դրախտային խնձորներ են։

Չեմ բացառում, որ չարը սովոր է կենալ առավելապես սաղարթների մեջ, ճեղքերի վրա։ Սակայն, ահա անձամբ ինձ, ոչ այլ ինչ, քան հեշտությամբ տիրող ձանձրույթն էր դրդում շաբաթական մի քանի անգամ խնձորենու ճեղքի վրա զբաղեցնել իմ տեղը։ Չնայած, միգուցե ձանձրույթն ինքնըստինքյան հենց չարն է որ կա։ Իսկ ի՞նչ էր մեղադրյալին քշում Դյուսելդորֆի պատերի տակ։ Նրան, ինչպես նա ավելի ուշ ինձ դրանում խոստովանեց, միայնակությունն էր քշում։ Սակայն միայնակություն՝ մի՞թե սա ձանձրույթի անունը չէ։ Այս դատողություններս կիսում եմ ոչ այն նպատակով, որպեսզի մերկացնեմ մեղադրյալին, այլ այն նպատակով, որպեսզի նրան դարձնեմ հասկանալի։ Դա չէ՞ արդյոք չարի խաղը, այդ թմբկահարությունը, որը ռիթմիկ վերացրեց չարը, նրան դարձրեց ինձ համար այնքան համակրելի, որ ես խոսեցի նրա հետ և սկսեցի նրա հետ ընկերություն անել։ Եվ այն հայտարարությունը ևս, որը ստիպեց ինձ որպես վկայի, իսկ նրան՝ որպես մեղադրյալի, կանգնել բարձր դատարանի առջև, չէ որ այն ևս մեր կողմից հորինված խաղ էր, մեր միայնակությունը և մեր ձանձրույթը ցրելու ու հագեցնելու ևս մեկ միջոց։

Իմ խնդրանքին տեղի տալով, մեղադրյալը որոշ տատանումներից հետո հագցրեց մատնեմատի վրայի մատանին, ընդ որում, արտակարգ հեշտությամբ դուրս եկած, իմ ձախ ճկույթին։ Մատանին, իսկը իմ չափով էր և ուրախացրեց ինձ։ Բնականաբար, դեռ մինչև այն իմ մատի վրա փորձելը, ես լքեցի ճեղքի վրայի իմ սովոր տեղը։ Մենք կանգնած էինք ցանկապատի երկու կողմերում, մենք տվեցինք մեր անունները, սկսեցինք զրուցել, ընդ որում մի քանի քաղաքական թեմաներ շոշափեցինք, ինչից հետո էլ նա ինձ տվեց մատանին, իսկ մատը թողեց իրեն, ընդ որում այն շատ խնամքով էր բռնել։ Մենք հանգեցինք այն ընդհանուր կարծիքին, որ գործ ունենք կնոջ մատի հետ։ Մինչ ես կրում էի մատանին ու այն պահում արևի ճառագայթների տակ, մեղադրյալը սկսեց ազատ ձախ ձեռքով ցանկապատի վրա պարային ուրախ և առույգ ռիթմ թմբկահարել։ Սակայն իմ տատիկի հողակտորը շրջափակող փայտե ցանկապատը այն աստիճան անկայուն է, որ մեղադրյալի թմբուկային կոչերին արձագանքեց փայտի ճարճատոցով ու թրթռոցով։ Չգիտեմ, թե մենք որքան այդպես կանգնած մնացինք՝ աչքերով խոսելով։ Իսկ երբ մի ինչ֊որ ինքնաթիռ միջին բարձրության վրա մեզ հասցրեց իր շարժիչների դղրդյունը, մենք երկուսս էլ հենց տրված էինք անմեղ խաղին։ Հնարավոր է, որ ինքնաթիռն ուզում էր նստել Լոհաուզենում։ Եվ չնայած մեր երկուսի համար շատ հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես ինքնաթիռը կմտնի վայրէջքի գոտի՝ երկու, թե չորս շարժիչներով, մենք մեր հայացքներն իրարից չկտրեցինք, մենք չորոշեցինք վայրէջք կատարելու եղանակը, իսկ այդ խաղը հետագայում, երբ մենք ժամանակ էինք ունենում դրանով զբաղվելու, մենք անվանեցինք Լեո Խենթուկի ճգնավորություն, քանզի մեղմիկ խոսքերով, շատ տարիներ առաջ, նա առավելապես գերեզմանատներում նույն այդ խաղով էր զբաղվում։

Երբ ինքնաթիռը գտավ իր վայրէջքային գոտին, ինձ համար իսկապես դժվար է ասել, երկու թե չորս շարժիչանի մեքենա էր դա, ես մատանին վերադարձրեցի նրան։ Մեղադրյալը մատանին հագցրեց մատին՝ իր թաշկինակը երկրորդ անգամ որպես փաթեթավորման նյութ օգտագործելով, և ինձ հրավիրեց ընկերակցել իրեն։

Այս ամենը տեղի էր ունենում հազար ինը հարյուր հիսունմեկ թվի հունիսի յոթին։ Գերեսհայմում, տրամվայի վերջին կանգառում մենք տրամվայ չնստեցինք, այլ տաքսի վերցրինք։ Հետագայում էլ մեղադրյալը ցանկացած հարմար առիթի դեպքում իմ հանդեպ շռայլություն էր ցուցաբերում։ Մենք մեկնեցինք քաղաք։ Տաքսիստին կարգադրեցինք սպասել Սուրբ Ռոխի եկեղեցու մոտի շների վարձույթի բյուրոյի դիմաց, հանձնեցինք Լյուքս շանը, կրկին նստեցինք տաքսի, և այն մեզ ողջ քաղաքի՝ Բիլկի, Օբերբիլկի միջով տարավ Վերստենյան գերեզմանատուն, այնտեղ պարոն Մացերատը ստիպված եղավ վճարել ավելի քան տասներկու մարկ, և դրանից հետո միյան մենք այցի գնացինք գերեզմանաքարերի արհեստանոց՝ Քերնեֆ անունով քարհատի մոտ։

Արհեստանոցում շատ կեղտոտ էր, և ես ուրախացա, որ Քորնեֆն իմ ընկերոջ առաջադրանքը ընդամենը մեկ ժամում կատարեց։ Մինչ իմ ընկերը սիրով ու մանրամասնորեն ինձ նկարագրում էր զանազան գործիքները և զանազան քարերի տեսակները, պարոն Քորնեֆը, մատի վերաբերյալ ոչ մի բառ չփոխանակելով, դրանից առանց մատանու գիպսե կաղապար պատրաստեց։ Ես աչքի պոչով հետևում էի նրա աշխատանքին․ Չէ՞ որ մատը առաջիկայում պետք է նախնական մշակման ենթարկել, այլ խոսքերով, այն շփեցին ճարպով, ծայրից թելով կապեցին, այնուհետև ծածկեցին գիպսով, և մինչ գիպսի քարանալը, թելով կտրեցին կաղապարը։ Չնայած իմ՝ մասնագիտությամբ ձևավորողիս համար, գիպսե ձուլվածքների պատրաստումը որևէ նոր բան չէր պարունակում, այդ մատը, քարհատի մոտ հայտնվելուց անմիջապես հետո, դարձավ մի տեսակ ոչ նրբագեղ, և նրա ոչ նրբագեղությունն անհետացավ, միայն երբ մեղադրյալը ծեփապատճենի հաջող պատրաստումից հետո կրկին վերցրեց մատը, ճարպից մաքրեց և իր թաշկինակով փաթաթեց։ Իմ ընկերը վճարեց քարհատին։ Սկզբում վերջինս չէր ուզում նրանից փող վերցնել, քանի որ պարոն Մացերատին համարում էր իր գործընկերը։ Դրանից բացի նա ավելացրեց, որ պարոն Մացերատը ժամանակին սեղմելով հանում էր իր մկնոռախտերը և նույնիսկ դրա դիմաց ոչինչ չէր վերցնում։ Երբ ձուլածոն քարացավ, քարհատը քանդեց կաղապարը, իսկականին ավելացրեց ծեփապատճենը, խոստացավ մոտակա օրերին էլ մի քանի ծեփապատճեններ պատրաստալ, և իր գերեզմանաքարերի ցուցահանդեսի միջով մեզ դուրս բերեց դեպի Աղոթատեղիի արահետ։

Տաքսիով երկրորդ ուղևորությունը մեզ հասցրեց գլխավոր կայարան։ Այնտեղ մեղադրյալն ինձ կայարանի նրբաճաշակ ռեստորանում առատ ընթրիքի հրավիրեց։ Մատուցողի հետ նա շատ մտերմաբար էր խոսում, ինչից ես հետևություն արեցի, որ պարոն Մացերատը, հավանաբար, մշտական այցելուներից է։ Մենք թարմ բողկով տավարի կրծքամիս և նաև հռենոսյան սաղմոն էինք ուտում, իսկ վերջում՝ պանիր։ Եվ այդ ամենը ավարտեցինք մեկ շիշ շամպայնով։ Երբ մեր զրույցի ժամանակ կրկին խոսք գնաց մատի մասին, և ես մեղադրյալին խորհուրդ տվեցի այն ճանաչել որպես ուրիշի սեփականություն և հանձնել, նամանավանդ, որ նա այժմ ունի դրա ծեփապատճենը, մեղադրյալը հստակ ու վճռականորեն պատասխանեց, որ իրեն համարում է մատի օրինական սեփականատերը, քանի որ արդեն իսկ ծնվելու ժամանակ, չնայած քողարկված ձևով, «թմբուկի փայտիկ» բառի միջոցով նրան այդպիսի մատ էր խոստացվել և հետո նա այստեղ կարող էր վերհիշել իր ընկեր Հերբերթ Տրուչինսկու թիկունքի վրայի սպիները, որոնք, ունենալով մեկ մատ երկարություն, նույնպես մատնեմատ էին նախագուշակում․ դե և, ի վերջո, մնում է փամփուշտի պարկուճը, որը նա գտավ Զասպեի գերեզմանատանը և որը նույնպես ապագա մատնեմատի չափսերն ու նշանակությունը ուներ։

Չնայած սկզբնական շրջանում ես պատրաստ էի ծիծաղել իմ նոր ձեռք բերած ընկերոջ տրամաբանության ու դատողությունների վրա, սակայն չի կարելի չխոստովանել, որ տրամաբանող մարդն ունակ է առանց դժվարության ընդունել նման հաջորդականությունը, թմբուկի փայտիկ, սպի, փամփուշտի պարկուճ, մատնեմատ։

Երրորդ տաքսին արդեն ընթրիքից հետո ինձ տուն հասցրեց։ Մենք պայմանավորվեցինք նոր հանդիպման վերաբերյալ և երբ երեք օր անց ես պայմանավորվածության համաձայն մեղադրյալին կրկին այցելեցի, նա, ինչպես պարզվեց, ինձ համար անակնկալ էր պատրաստել։

Սկզբում նա ինձ ցույց տվեց իր բնակարանը կամ, ավելի ճիշտ, իր սենյակը, որովհետև պարոն Մացերատը այն բնակիչներից վարձով էր վերցրել։ Սկզբում դա մի խղճուկ սենյակ է եղել, անցյալում՝ լոգասենյակ, ավելի ուշ, երբ թմբկահարի արվեստը նրան ճանաչում ու բարեկեցություն բերեց, նա հավելյալ գումար վճարեց առանց պատուհանի կացարանի համար, որը քույր Դորոթեայի կացարան էր անվանում, հետո նա պատրաստակամություն հայտնեց վճարել նաև երրորդ սենյակի համար, որը նախկինում զբաղեցնում էր երաժիշտ ու մեղադրյալի գործընկեր ոմն պարոն Մյունցեր, ընդ որում՝ վճարել մեծ գումար, քանզի հիմնական վարձկալը՝ պարոն Ցայդլերը, իմանալով պարոն Մացերատի ունևորության մասին, անղխճորեն գինը բարձրացրեց։

Այսպես կոչված քույր Դորոթեայի սենյակում մեղադրյալը ինձ համար անակնկալ էր պատրաստել․հայելիով լվացարանի սեղանի մարմարյա հարթակի վրա պահածոյացման համար բանկա էր դրված, մոտավորապես այնպիսի չափսերի, որպիսիք օգտագործում է իմ մայր Ալիսա ֆոն Վիտլարը մեր դրախտային խնձորներից խնձորի պովիդլո փակելու համար։ Պարոն Մացերատի բանկան, սակայն, սպիրտի մեջ լող տվող մատնեմատ էր պարունակում։ Մեղադրյալը հպարտորեն ինձ մի քանի հաստափոր գիտական գրքեր ցույց տվեց, որոնցով նա ղեկավարվել էր մատի պահածոյացման ժամանակ։ Ես այդ գրքերը ընդամենը թռուցիկ թերթեցի, լուսանկարների վրա հայացքս գրեթե չսևեռեցի, խոստովանեցի, սակայն, որ մեղադրյալին լիովին հաջողվել էր պահպանել մատի բնական տեսքը, և ընդհանրապես հայելու ֆոնի վրա բանկան իր պարունակությամբ շատ հաճելի էր նայվում և իրենից հետաքրքիր դեկորատիվ լուծում էր ներկայացնում, ինչ ես, որպես արհեստավարժ ձևավովորղ, չէի կարող չխոստովանել։

Նկատելով, որ ես ընտելացել եմ ապակե բանկայի տեսքին մեղադրյալը ինձ տեղեկացրեց, որ երբեմն այդ բանկայի վրա աղոթում է։ Հետաքրքրասիրությամբ լցված, սակայն միևնույն ժամանակ որոշակի հանդգնությամբ, ես անմիջապես խնդրեցի նրան ինձ նման աղոթքի նմուշ ցույց տալ։ Նա, իր հերթին, ինձանից փոխադարձ ծառայություն խնդրեց․ ինձ թուղթ ու մատիտ տվեց ու պահանջեց, որպեսզի ես գրի առնեմ այդ աղոթքը, որպեսզի ես այդ մատի առթիվ հարցեր տամ, իսկ նա իր ուժերը ներածի չափով պատասխանի աղոթքով։

Այստեղ ես իմ ցուցմունքներին կից ներկայացնում եմ մեղադրյալի խոսքերը, իմ հարցերը, նրա պատասխանները, ապակե բանկայի աստվածացումը․ և այսպես, ես խոնարհ ողջունում եմ։ Ո՞վ ես դու։ Օսկարն եմ թե ես։ Ես բարեվայելուչ եմ, Օսկարը՝ ցրված։ Անդադար հավատարմություն և պետք չէ վախենալ շրջադարձից։ Օսկարը՝ լրջմիտ, քանզի լի է հիշողություններով։ Ես՝ սառը, տաք, ջերմ։ Մեղավոր եմ՝ հարձուփորձի ժամանակ։ Անմեղ եմ՝ առանց հարցուփորձի։ Մեղավոր եմ այն պատճառով, որ հանցագործություն եմ կատարել, որովհետև մեղավոր եմ դարձել, չնայած նրան հեռացրեցի ինձանից, մեղք գործեցի բառով, մեղավոր լռեցի, չեմ ասում, չեմ լռում, ծնկի եմ գալիս։ Աղոթք եմ անում։ Բանկային։ Ինչպիսի՞ բանկայի։ Պահածոյացման համար բանկայի։ Ի՞նչ է պահածոյացնում բանկան։ Պահածոյացման համար բանկան մատ է պահածոյացնում։ Դա ի՞նչ մատ է։ Մատնեմատ։ Ո՞ւմ մատն է։ Շիկամազի։ Ի՞նչ շիկամազ։ Միջին հասակի՝ դա նշանակում է մեկ մետր վաթսուներեք։ Հատուկ նշաննե՞ր։ Խալ։ Խալ որտե՞ղ։ Ուսը, ներսի կողմից։ Ա՞ջը, ձա՞խը։ Աջը։ Մատնեմատը ո՞ր կողմինն է։ Ձախ։ Նշանվա՞ծ է։ Այո, բայց ամուսնացած չէ։ Հավա՞տքը։ Ռեֆորմատական։ Կո՞ւս է։ Կույս է։ Ե՞րբ է ծնվել։ Չգիտեմ։ Որտե՞ղ։ Հաննովերի մոտակայքում։ Ե՞րբ։ Դեկտեմբերին։ Աղեղնավո՞ր է, թե՞ Այծեղջույր։ Աղեղնավոր։ Իսկ բնավորությո՞ւնը։ Ամոթխած։ Բարյացակա՞մ է։ Ջանասեր է, շատախոս։ Բարեպա՞շտ է։ Խնայող է, սթափ և ուրախ։ Ամոթխա՞ծ է։ Սիրում է քաղցրավենիքներ, անկեղծ է ու աստվածավախ։ Գունատ է, ամեն ինչից ավել երազում է ճանապարհորդուոթյունների մասին։ Դաշտանը կանոնավոր չէ, թույլ է, հաճույքով տառապում է և այդ մասին խոսում։ Անձամբ պասիվ է, նախաձեռնող չե, սպասում է, թե ինչ է լինելու, լավ է լսում, գլուխը ի նշան հավանության շարժում է, ձեռքերը ծալում է, երբ խոսում է, իջեցնում է աչքերը, երբ խոսում ես նրա հետ, դրանք լայնորեն բացում է, բաց շագանակագույն բիբին մոտ դարչնագույնի խառնուրդով, մատանին նվեր է ստացել ղեկավարից, ղեկավարն ամուսնացած է, սկզբում չէր ուզում վերցնել, վերցրեց, սարսափելի դեպք, կոկոսե մանրաթելեր, սատանա, շատ սպիտակ գույն, դուրս եկավ, տեղափոխվեց, վերադարձավ, չկարողացավ բաժանվել, խանդը ևս, սակայն առանց հիմքերի, հիվանդություն, սակայն ոչ ինքնըստինքյան, ոչ, ոչ, չգիտեմ, չեմ ուզում, կապույտ տերեփուկներ էր հավաքում, եկավ, ոչ, ուղեկցեց սկզբից և ևեթ, այլևս չի կարող․․․ Ամմե՞ն։ Ամմեն։

Ես՝ Գոթֆրիդ ֆոն Վիտլարս, դատարանում իմ ցուցմունքներին միայն այն պատճառով եմ ավելացնում իմ կողմից գրված այս աղոթքը, որ, չնայած նրա արտաքին ողջ քաոսայնությանը, մատնեմատի տիրոջ մասին տեղեկությունները մեծ մասամբ համընկնում են սպանվածի, քույր Դորոթեա Կենգեթերի մասին դատարանի նյութերի հետ։ Իմ խնդիրների մեջ չի մտնում այստեղ կասկածի տակ առնել մեղադրյալի ցուցմունքներն այն մասին, որ նա չի սպանել քրոջը, և, ընդհանրապես, երբևիցե նրան սեփական աչքերով չի տեսել։

Ուշագրավ է և, ինչպես մինչ օրս ինձ է ներկայանում, ի օգուտ մեղադրյալի է խոսում այն ինքնամոռացությունը, որով իմ ընկերն աթոռի դիմաց ծնկի էր իջել, ուր նա դրել էր պահածոյացման համար բանկան և այդ ընթացքում մշակում էր թմբուկը՝ այն ծնկների միջև սեղմած։

Ավելի քան մեկ տարվա ընթացքում ինձ էլ մեկ անգամ չէ, որ վիճակվել է հետևել, թե ինչպես է մեղադրյալը աղոթում ու թմբկահարում, քանզի շռայլ ապրուստի միջոց տալով, նա ինձ դարձրեց իր ընկերակիցը, համերգային շրջագայությունների ժամանակ, որոնք նա երկարատև ժամանակով ընդհատեց, վերցնում էր իր հետ, սակայն մատնեմատի հայտնաբերումից քիչ ժամանակ անց կրկին վերսկսեց։ Մենք շրջագայեցինք ողջ Արևմտյան Գերմանիայով մեկ, մենք հրավերքներ ունեինք նաև Արևելյան գոտի ու արտասահմանյան երկրներ։ Սակայն պարոն Մացերատը գերադասում էր մնալ երկրի սահմաններում, իր սեփական խոսքերով, չէր ցանկանում ընկնել սովորական համերգային ջրապտույտի մեջ։ Մինչև համերգի սկիզբը նա ոչ մի անգամ բանկայի առջև չէր աղոթում ու չէր թմբկահարում։ Միայն ելույթից ու երկարատև ընթրիքից հետո էինք մենք վերադառնում նրա համարը, և այստեղ նա թմբկահարում էր, և այստեղ նա աղոթում էր, ես հարցեր էի տալիս ու գրի էի առնում, ինչից հետո մենք ներկայիս աղոթքը համեմատում էինք նախորդ օրերի ու շաբաթների աղոթքների հետ։ Ճիշտ է, աղոթքները պահպանվում էին երկար ու կարճ տարբերակներով։ Դրան ավելացրած, երբեմն բառերն ընկնում էին մեկը մյուսի վրա, այն դեպքում, երբ հաջորդ օրը նրանք թափվում էին գրեթե շոշափելի ու երկարաձիգ։ Սակայն իմ կողմից նման ձևով հավաքված բոլոր աղոթքները, որոնք ես պատիվ ունեմ ներկայացնելու բարձր դատարանին, մանրամասներ չեն պարունակում, քան այն առաջին արձանագրվածը, որը ես կցել եմ իմ ցուցմունքներին։

Այս տարվա շրջագայության ընթացքում ես հարևանցիորեն, մյուս համերգային շրջագայությունների միջև, ծանոթացա պարոն Մացերատի որոշ ընկերների ու ազգականների հետ։ Այսպես, օրինակ, նա ներկայացրեց ինձ իր խորթ մորը, տիկին Մարիա Մացերատին, որին մեղադրյալը բարձր, չնայծ և զուսպ, մեծարում է։ Այդ նույն օրն ինձ ողջունեց նաև մեղադրյալի խորթ եղբայր Կուրտ Մացերատը՝ տասնմեկամյա, լավ դաստիարակված գիմնազիստը։ Տիկին Մարիա Մացերատի քույրը, տիկին Հուստա Քյոստները, ինձ վրա նույնպես լիովին դրական տպավորություն թողեց։ Ինչպես ինձ խոստովանեց մեղադրյալը՝ ետպատերազմական առաջին տարիներին նրա ընտանեկան հարաբերություններն այնքան էլ հարթ չէին ընթանում, սակայն այն բանից հետո, երբ պարոն Մացերատն իր փողերով խորթ մոր համար նրբախորտիկների մեծ խանութ ձեռք բերեց, որտեղ այլոց թվում նաև հարավային մրգեր էին վաճառվում, և հետագայում էլ ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում, եթե խանութը դժվարությունների առջև էր կանգնում, խորթ մոր ու խորթ զավակի միջև լիովին բարեկամական հարաբերություններ ձևավորվեցին։

Պարոն Մացերատը ինձ ծանոթացրեց նաև իր որոշ նախկին գործընկերների, առավելապես ջազ նվագողների հետ, որքան էլ որ ջանում էր իմ առջև ուրախ և մարդամոտ երևալ պարոն Մյունցերը, որին պարոն Մացերատը մտերմաբար Կլեփ էր անվանում, ես մինչ օրս էլ իմ մեջ ոչ համարձակություն և ոչ էլ ցանկություն եմ գտել, որպեսզի նրա հետ շարունակեմ պահպանել իմ շփումները։

Չնայած մեղադրյալի մեծահոգության շնորիհիվ ես որպես ձևավարող աշխատելու անհրաժեշտություն չեմ ունեցել, ես զուտ գործի հանդեպ սիրուց, հենց որ մենք վերադառնում էինք հերթական համերգային շրջագայությունից, համաձայնվում էի մի քանի ցուցափեղկ ձևավորել։ Մեղադրյալը ընկերական ձևով հետաքրքրվում էր իմ աշխատանքով, հաճախ ուշ գիշերին կանգնում էր փողոցում ու դառնում էր իմ համեստ արվեստի ուշադիր հանդիսատեսը։ Երբեմն աշխատանքն ավարտելուց հետո մենք էլի մի փոքրիկ զբոսանք էինք նախաձեռնում գիշերային Դյուսելդորֆում, սակայն ոչ Հին քաղաքի սահմաններում, քանզի մեղադրյալը տանել չի կարողանում հին գերմանական ոգով պանդոկների հաստացրած ապակիներն ու ցուցանակները։ Եվ ահա մի անգամ (այստեղ ես մոտենում եմ իմ ցուցմունքների վերջին մասին) Ունտերատով կեսգիշերային զբոսանքը մեզ բերեց տրամվայների հավաքակայանի մոտ։

Մենք կանգնել էինք լիակատար համաձայնության մեջ՝ ուղեկցելով ըստ չվացուցակի հավաքակայան մուտք գործող վերջին տրամվայը։ Դա գեղեցիկ տեսարան է։ Մեր շուրջը մութ քաղաքն է, հեռվում, քանի որ օրն ուրբաթ է, շինարարության կողմից կոկորդով մեկ գոռում է հարբած բանվորը։ Մնացածում լռություն է, քանզի դեպո վերադարձող վերջին տրամվայը, նույնիսկ երբ նա զանգ է տալիս ու ստիպում է, որպեսզի կլորացված ռելսերն էլ ձայն արձակեն, աղմուկ չի առաջանում։ Մեծ մասը միանգամից մտնում է հավաքակայան։ Սակայն որոշները շարունակում են մեկ այստեղ, մեկ այնտեղ դատարկ, տոնական ձևով լուսավորված, կանգնել ռելսերի վրա։ Իսկ ո՞ւմ գաղափարն էր դա։ Դա մեր ընդհանուր գաղափարն էր։ Սակայն ես արտահայտեցի այն։ «Դե, սիրելի ընկեր, իսկ ի՞նչ կասես, եթե․․․»։ Պարոն Մացերատը գլխով արեց, մենք առանց շտապելու մտանք ներս, ես տեղավորվեցի մեքենավարի խցիկում և անմիջապես ընտելացա նրան, մեղմորեն շարժվեցի տեղից, արագ արագություն հավաքեցի, մի խոսքով, ինձ դրսևորեցի որպես լավ մեքենավար, ինչի առիթով պարոն Մացերատը, երբ պայծառ լուսավորված հավաքակայանն արդեն մնացել էր ետևում, ընկերաբար արտաբերեց հետևյալ բառերը․ «Պարզ է, Գոթֆրիդ, որ դու կնքված կաթոլիկ ես, այլապես չէիր կարողանա այսքան հմտորեն տրամվայ վարել»։

Եվ, իսկապես, այդ պատահական զբաղմունքը ինձ անսպառ քանակության ուրախություն պատճառեց։ Դատելով ամեն ինչից, հավաքակայանում նույնիսկ չնկատեցին մեր մեկնումը, որովհետև ոչ ոք մեզ չէր հետապնդում, մեզ կարելի էր հեշտությամբ կանգնեցնել նաև հոսանքն անջատելու միջոցով։ Ես վագոնը վարում էի Ֆլինգերնի ուղղությամբ, այնուհետև Ֆլինգերնի միջով և, արդեն մոտավոր հաշվիվ էի անում, կամ այն է՝ Հանիելի մոտից թեքվեմ դեպի ձախ, կամ այն է՝ բարձրանամ դեպի Ռաթա, դեպի Ռաթնգեն, երբ պարոն Մացերատը ինձ խնդրեց թեքվել Գրաֆենբերգի ու Գերեսհայմի կողմը։ Չնայած «Առյուծի ամրոց» հաստատության դիմացի կտրուկ վերելքն ինձ անհանգստություն էր ներշնչում, ես կատարեցի մեղադրյալի խնդրանքը, վերելքը հաղթահարեցի, պարասրահն արդեն մնում էր ետևում, երբ ստիպված եղա կտրուկ արգելակել, որովհետև գծերի վրա կանգնած էին երեք մարդ և ավելի շուտ պահանջում, քան խնդրում էին ինձ կանգնել։

Հանիելը անցնելուց քիչ ժամանակ անց պարոն Մացերատը գնացել էր դեպի վագոնի խորքը, որպեսզի սիգարետ ծխի։ Եվ ես ստիպված էի մեքենավարի կարգավիճակով գոռալ, «Խնդրում եմ նստել»։ Ես նկատեցի, որ նրանցից երրորդը՝ առանց գլխարկի մարդը, որին մնացած, սև ժապավեններով, կանաչ գլխարկներով երկուսը, երկու կողմերից սեղմելով, պահում էին մեջտեղում, բարձրանալու ժամանակ ոչ այն է՝ անզգուշության պատճառով, ոչ այն է՝ վատ տեսողության, ոտքը մի քանի անգամ դրեց ոտնատեղից հեռու։ Ուղեկցողները կամ պահապանները բավական կոպիտ ձևով օգնեցին նրան բարձրանալ առջևի հարթակ, իսկ այնտեղից անցնել դեպի վագոն։

Ես արդեն շարժվել էի տեղից, երբ վագոնի ներսից սկզբում աղեկտուր կաղկանձ լսեցի, հետո այնպիսի ձայն, կարծես ինչ֊որ մեկը ապտակներ է հասցնում, հետո, ի հանգստություն ինձ, պարոն Մացերատի վճռական ձայնը, որը հանդիմանում էր նստածներին և կոչ էր անում նրանց չհարվածել վիրավոր, կիսակույր մարդուն, որն իր ակնոցից զրկաված տառապում է։

― Ուրիշի գործերի մեջ մի խցկվեք, ― բղավեց կանաչ գլխարկներից մեկը։ ― Նա այսօր դեռ կտեսնի, թե ինչն ինչոց է։ Առանց այն էլ պատմությունը չափից դուրս երկարեց։

Մինչ ես դանդաղ գնում էի Գերեսհայմով, իմ ընկերը՝ պարոն Մացերատը, ցանկացավ իմանալ, թե ինչ հանցագործություն է կատարել այդ խեղճ կիսակույր մարդը։ Եվ խոսակցությունն անմիջապես ծայրաստիճան տարօրինակ ընթացք ստացավ․ երկու֊երեք բառից հետո մենք հայտնվեցինք պատերազմի բովում, ավելի ստույգ ասած, ամեն ինչ տեղի էր ունեցել հազար ինը հարյուր երեսունինը թվի սեպտեմբերի մեկին։ Պատերազմի սկիզբը, կիսակույրին անվանեցին պարտիզան, որը մասնակցել է Լեհական փոստատան անօրինական պաշտպանությանը։ Որքան էլ տարօրինակ է, սակայն պարոն Մացերատը, որն այդ ժամանակ տասնհինգ տարեկան էր, պարզվեց, որ լիովին տեղեկացված է, ճանաչեց կիսակույրին, ասաց, որ դա Վիկտոր Վելունն է, փողային փոխանցումների խեղճ կույր առաքողը, որը ռազմական գործողությունների ժամանակ կորցրեց ակնոցը, փախավ առանց ակնոցի, դուրս պրծավ դահիճների ձեռքից։ Սակայն վերջիններս մինչև պատերազմի ավարտը շարունակեցին նրան հետապնդել, նույնիսկ երեսունինը թվով թվագրված փաստաթուղթ ներկայացրեցին, և դա գնդակահարության մասին հրաման էր։ Ի վերջո նրանք բռնեցին նրան, նրանցից մեկը, որը կանաչ գլխարկով էր, գոռաց, իսկ երկրորդը հայտարարեց, որ ինքը շատ ուրախ է, այժմ ի վերջո կարելի է վերջ դնել այս ողջ պատմությանը։ Ողջ ազատ ժամանակը, նույնիսկ արձակուրդը, նա վատնել է այն բանի վրա, որպեսզի ի կատար ածի հազար ինը հարյուր երեսունինը թվի գնդակահարության մասին հրամանը․ վերջիվերջո, նա այլ մասնագիտություն էլ ունի՝ շրջիկ մանր առևվտրական է, իսկ ընկերը՝ արևելքից փախստական, և նա ևս ունի իր խնդիրները, նա ստիպված է ամեն ինչ սկսել զրոյից․ արևելքում նա բարգավաճող դերձակի արհեստանոց ուներ, սակայն այժմ վերջ, բավական է, այս գիշեր հրամանը ի կատար կածվի և հնարավոր կլինի անցյալին վերջ դնել՝ ինչպիսի երջանկություն է, որ մենք հասանք վերջին տրամվային։

Այդպես ես կամքիս հակառակ վերածվեցի վագոնավարի, որը Գերեսհայմ է տանում մի մահվան դատապարտվածի և գնդակահարության մասին հրամանով երկու դահիճների։ Արվարձանի դատարկ, փոքր֊ինչ թեք շուկայի հրապարակում ես թեքվեցի աջ, ուզում էի վագոնը հասնցել մինչև ապակու գործարանի մոտի վերջին կանգառը, այնտեղ կանաչ գլխարկներին ու կիսակույր Վիկտորին իջեցնել, ինչից հետո իմ ընկերոջ հետ գնալ տուն։ Վերջինից երեք կանգառ առաջ պարոն Մացերատը լքեց վագոնը և մոտավորապես այն տեղում, որտեղ արհեստավարժ մեքենավարները դնում են իրենց բուտերբրոտներով թիթեղյա տուփերը, դրեց իր պորտֆելը, որի մեջ, ինչպես ինձ հայտնի էր, գտնվում էր մատով բանկան։

― Մենք պետք է փրկենք նրան, չէ՞ որ սա Վիկտորն է, խեղճ Վիկտորը։ ― Պարոն Մացերատը ակնհայտորեն անհանգստացած էր։ ― Սակայն մինչ օրս այդպես էլ իրեն համապատասխան ակնոց չի ընտրել, նա շատ կարճատես է, նրան կգնդակահարեն, իսկ նա այլ կողմ կնայի։

Ես կարծում էի, թե դահիճներն անզեն են, սակայն պարոն Մացերատը նկատել էր երկու կանաչ գկխարկավորների վերարկուների ուռուցիկությունը։

Նա Դանցիգում Լեհական փոստատնից փողային փոխանցումներ էր առաքում։ Այժմ նա նույն բանը անում է Դաշնային փոատատանը։ Սակայն աշխատանքային օրն ավարտելուց հետո նրանք հետապնդում են նրան, քանի որ ոչ ոք չի վերացրել։

Չնայած լրիվ չհասկացա պարոն Մացերատի խոսքերը, ես, սակայն, նրան խոստացա գնդակահարության ժամանակ նրա հետ մեկտեղ ներկա լինել, իսկ եթե հաջողվի, ապա նաև խանգարել գնդակահարությանը։

Ապակու գործարանի ետևում, ուղիղ այգեգործական հողակտորների դիմաց, ես լուսնի լույսի տակ արդեն տեսել էի իմ տատիկի հենց այն խնձորներով հողակտորը, ես արգելակեցի և դեպի տրամվայի խորքը գոռացի․ «Վերջին կանգառը, խնդրում ենք ազատել վագոնը»։

Նրանք անմիջապես էլ հայտնվեցին սև ժապավեններով կանաչ գլխարկներով, և կրկին կիսակույրից մեծ ջանքեր պահանջվեց ոտքը ոտնակի վրա դնելու համար։ Այնուհետև պարոն Մացերատը նույնպես իջավ, պիջակի տակից հանեց թմբուկը, իսկ իջնելիս ինձ խնդրեց վերցնել իր բանկայով պորտֆելը։

Մենք լքեցինք դեռ երկար ժամանակ մեզ լույս տվող վագոնը և քայլեցինք դահիճների հետքերով, հետևաբար՝ նրանց զոհի ետևից։

Մենք գնում էինք այգիների ցանկապատների երկայնքով։ Դա ինձ հոգնեցնում էր։ Երբ մեր առջևից գնացող երեքը կանգնեցին, ես նկատեցի, որ որպես գնդակահարելու տեղ՝ նրանք ընտրել են հենց իմ մայրիկի հողակտորը։ Բողոք հայտնեց ոչ միայն պարոն Մացերատը, բողոք հայտնեցի նաև ես։ Նրանք մեր բողոքների վրա ոչ մի ուշադրություն չդարձրեցին, առանց այն էլ թեքված ցանկապատը տապալեցին, կիսկույր մարդուն, որին պարոն Մացերատը խեղճ Վիկտոր անվանեց, կապեցին խնձորենուց, հենց իմ երկփեղկվածության ներքևում և կրկին գրպանի լապտերների լույսի տակ մեզ ներկայացրեցին գնդակահարության մասին ճմռթված հրամանը, որը ստորագրված էր ռազմադաշտային դատարանի տեսուչ Զալևսկու կողմից։ Որքանով հիշում եմ, ստորագրությունն արվել էր Սոպոտում՝ հազար ինը հարյուր երեսունինը թվի հոկտեմբերի հինգին, կնիքները վավեր էին, մի խոսքով, այստեղ հնարավոր չէր ոչինչ անել, սակայն այնուհանդերձ մենք սկսեցինք խոսել Միացյալ Ազգերի Կազմակերպության, ժողովրդավարության, կոլեկտիվ մեղքի, Ադենաուերի և նման բաների մասին։ Սակայն կանաչ գլխարկներից մեկը արհամարհեց մեր բոլոր առարկությունները՝ ասելով, որպեսզի մենք չխցկվենք ուրիշի գործերի մեջ, որ մինչ օրս դեռ խաղաղության պայմանագիր չկա, որ ինքը, ինչպես և մենք երկուսս, իր ձայնը տալիս է Ադենաուերին, իսկ հրամանը՝ դե, հրամանը մնում է ուժի մեջ, նրանք այդ թղթով եղել են ամենաբարձր ատյաններում, նրանք ամենուր խորհրդատվություն են ստացել, նրանք միայն իրենց պարտքն են կատարում, իրենց անիծյալ պարտքը, և ավելի լավ է մենք մեր ճանապարհով գնանք։

Սակայն մենք մեր ճանապարհով չհեռացանք, ավելին, երբ կանաչ գլխարկներն արձակեցին իրենց անջրանցիկ վերարկուները և դուրս հանեցին իրենց ինքնաձիգները, պարոն Մացերատը իր թմբուկը հարմարեցրեց և հենց այդ վայրկյանին լուսինը ճեղքելով դուրս եկավ ամպերի շարանի միջից, նրա եզրերը բոցավառվում էին մետաղական փայլով, ինչպես պահածո տուփի ատամնավոր եզրը, և հենց այդպիսի, բայց վնասված թիթեղի վրա պարոն Մացերատը սկսեց փայտիկներով թմբկահարել, թմբկահարում էր հուսահատ, և ձայնը ստացվում էր անսովոր, սակայն միևնույն ժամանակ ինչ֊որ բանով ծանոթ։ Հաճախ կրկին ու կրկին արձագանքի պես հնչում էր․ կործանվել է, չի կործանվել, դեռ չի կործանվել, Լեհաստանը դեռ չի կործանվել։ Սակայն դա արդեն պարոն Մացերատի թմբուկը չէր, դա խեղճ Վիկտորի ձայնն էր, որն այդ երգի բառերը գիտեր․ «Լեհաստանը կործանված չէ, քանի դեռ ողջ ենք մենք»։ Դատելով ամեն ինչից՝ կանաչ գլխարկներին նույնպես ծանոթ էր այդ ռիթմը, քանզի նրանք կուչ եկան լուսնի կողմից լուսավորվող իրենց մետաղական ուցենցվածքների ետևում։ Չէ որ քայլերգը, որին իմ մայրիկի այգում ստիպեցին հնչել պարոն Մացերատն ու խեղճ Վիկտորը, նախաբեմ դուրս բերեց լեհական հեծելազորին։ Միգուցե լուսինն էլ էր այդտեղ օգնում, միգուցե թմբուկը, լուսինը և կարճատես Վիկտորի դյուրաբեկ ձայնը միացյալ ջանքերով գետնի տակից դուրս կանչեցին թամբած ձիերով արշավող այդքան մարդկանց․ դղրդում էին սմբակները, փնչացնում էին ռունգերը, շառաչում էին խթանները, խրխրնջում էին հովատակները, հուսսա՜ ու հեյսսա՜․․․ սակայն ոչ, ոչ մի նման բան։ Ոչինչ չէր շառաչում, չէր փնչում, չէր դղրդում, չէր խրխնջում, «հուսսա՜» չէր գոռում, «հեյսսա» չէր գոռում, այլ ընդամենը անձայն սահում էր Գերեսհայմի ետևի հնձած դաշտերի վրայով, այնուամենայնիվ, նաև կար լեհական զինվորների հեծելավաշտը, քանզի պարոն Մացերատի թմբուկի նման սպիտակակարմիր պատվադրոշները ցնցվում էին նիզակների ծայրերին, ոչ, չէին ցնցվում, այլ ինչպես ողջ հեծելավաշտը, լողում էին լուսնի տակ, միգուցե լուսնի վրայից իջած, լողում էին ու թեքվում դեպի ձախ, որտեղ մեր հողակտորն էր գտնվում, լողում էին, ու թվում էր, թե ո՛չ միս են, ո՛չ արյուն, բայցևայնպես, լողում էին ինքնաշենները, որոնք նման էին խաղալիքների, որոնք իրականում ուրվականներ էին, միգուցե նման էին այն ձեռագործին, որն առասանակից հյուսում է պարոն Մացերատի հիվանդապահը, առասանակից գործված լեհական հեծելազորը, անձայն և, այնուհանդերձ, սմբակներով դղդրդացնելով, անմարմին, անարյուն և, այնուամենայնիվ, լեհական սանձը թողած, թռչում էր ուղիղ մեզ վրա, և մենք ընկանք գետնին, ենթարկվեցինք լուսնին ու լեհական հեծելազորին։ Իմ մայրիկի հողակտորի միջով, հոգածությամբ խնամված հողակտորների միջով նրանք սլացան, միայն իրենց հետ վերցրեցին խեղճ Վիկտորին, ինչպես նաև երկու դահիճներին։ Անհետացան բաց հարթավայրում, լուսնի տակ, կործանվեցին, դեռ չկործանվեցին, դեմքով՝ դեպի արևելք, դեպի Լեհաստան, լուսնի ետևում։

Մենք, ծանր շնչելով, սպասում էինք, մինչև գիշերը կրկին ամայանա, մինչև երկինքը կրկին փակվի տանելով այն լույսը, որը կարող էր ընդամենը մեկ ակնթարթ հարձակման դրդել վաղուց կործանված հեծելազորին։ Առաջինը ես ոտքի կանգնեցի և, ընդ որում, ամենևին չնվազեցնելով այն դերը, որը խաղաց լուսնի լույսը, մեծ հաջողության առթիվ շնորհավորեցի պարոն Մացերտաին։

Վերջինս միայն հոգնած ու ճնշված թափ տվեց ձեռքը․

― Հաջողությո՞ւն, սիրելի Գոթֆրիդ։ Կյանքում ինձ չափից շատ հաջողություն է բաժին հասել։ Ես կնախընտրեի գոնե մեկ անգամ բավարարվել առանց դրա։ Սակայն դա շատ դժվար է ու մեծ ջանքեր է պահանջում։

Ինձ դուր չեկան նրա խոսքերը, որովհետև անձամբ ես ջանասեր մարդկանց ցեղից եմ, սակայն այդպես էլ հաջողություն չունեմ։ Պարոն Մացերատը ինձ թվաց անշնորհակալ, և ես սկսեցի բարձրաձայն նրան կշտամբել․

― Դու մեծամիտ ես դարձել, Օսկար, ― ես ինձ թույլ տվեցի սկսել այդպես, որովհետև այդ ժամանակ արդեն մենք իրար «դու»֊ով էինք դիմում։ ― Բոլոր թերթերը գոռում են քո մասին։ Դու գովազդել ես քո անունը։ Ես փողի մասին չեմ էլ խոսում։ Եվ դու կարծում ես, որ ինձ համար, որի անունը ոչ մի թերթ չի հիշատակում, հեշտ է քեզ՝ գլխիդ պսակ դրվածի հետ կողք կողքի դռնեդուռ ընկնել։ Որքան ես կցանկանայի գոնե մեկ անգամ այնպիսի արարք գործել, որպիսին հենց նոր կատարեցիր դու, իր ձևի մեջ միակը, ընդ որում՝ մեն֊մենակ, կատարել ու հայտնվել թերթերի էջերում, որպեսզի այնտեղ մեծ տառերով տպեն․ դա Գոթֆրիդ ֆոն Վիտլյարն է արել։

Պարոն Մացերատի քրքիջն ինձ վիրավորեց։ Նա պառկել էր մեջքի վրա, իր կուզը թաղել էր փափուկ հողի մեջ, երկու ձեռքով պոկում էր խոտերը, խրձիկները բարձր օդ էր նետում ու ծիծաղում էր, ինչպես անմարդկային Աստվածը, որն ամեն ինչ կարող է։

― Իմ ընկեր, ախր դրանից ավելի հեշտ բան չկա։ Ահա իմ պորտֆելը։ Այն հրաշքով չընկավ լեհական հեծելազորի սմբակների տակ։ Այն նվիրում եմ քեզ, զուր չէ, որ այնտեղ է գտնվում մատնեմատով բանկան։ Վերցրու այդ բոլորը, արագ վազիր Գերեսհայմ, այնտեղ դեռևս կանգնած է լուսավորված վագոնը, մտիր, բարձրացիր նրա մեջ և քո նվերի հետ միասին ուղևորվիր Ֆյուրթենվալի կողմը, ամենակարճ ճանապարհով դեպի ոստիականություն։ Այնտեղ հայտարարություն արա, և արդեն վաղը դու քո անունը կտեսնես բոլոր թերթերում։ Սկզբում ես չէի ուզում ընդունել այդ առաջարկը, քանի որ նա ամենայն հավանականությամբ չի կարող ապրել առանց իր մատով բանկայի, սակայն նա ինձ հանձնարարեց՝ պատասխանելով, որ մատի հետ կապված այս ամբողջ պատմությունը իրեն բավականաչափ զզվեցրել է, իսկ դրան գումարած, նա մի քանի գիպսե ծեփապատճեններ ունի, դրանից բացի, նրա պատվերով նրա համար ևս մեկ հատ ձուլել են ոսկուց, այնպես որ ես ի վերջո պետք է վերցնեմ պորտֆելը, գտնեմ մեր կողմից թողած տրամվայի վագոնը, դրանով մեկնեմ ոստիկանություն և անեմ իմ հայտարարությունը։

Ես վազեցի և դեռ երկար ժամանակ իմ թիկունքում լսում էի պարոն Մացերատի ծիծաղը, քանզի նա մնաց նախկին տեղում պառկած, ուզում էր, մինչ ես զնգնզգացնելով վերադառնում էի քաղաք, փնջերով խոտեր պոկել ու ծիծաղել՝ գիշերվա իշխանությանը տրվելու համար։ Իսկ հայտարարությունը․․․ ես այն արեցի միայն առավոտյան, պարոն Մացերատի բարության շնորհիվ իմ անունը հասավ մինչև թերթերի էջերը։

Սակայն ես՝ Օսկարս, նույն ինքը ամենաբարի պարոն Մացերատս, ծիծաղելով պառկել էի Գերեսհայմի ետևի գիշերային սև խոտերի վրա, ծիծաղելով գլորվում էի մահացու լուրջ, նոսր աստղերի տակ, իմ կուզը թաղում էի հողի ջերմ թագավորության մեջ, ինքս ինձ ասում էի՝ քնիր, Օսկար, ևս մեկ ժամվա չափ քնիր, քանի դեռ չի արթնացել ոստիկանությունը։ Քեզ այլևս բախտ չի վիճակվի այսքան ազատ պառկել լուսնի տակ։

Իսկ արթնանալով, նախքան կհասկանայի, որ լույսը բացվել է, ես նկատեցի, թե ինչպես ինչ֊որ բան, թե ինչպես ինչ֊որ մեկը լպստում է իմ դեմքը, ջերմ, կոպտամաշկ, հավասարաչափ խոնավ։

Հազիվ թե ոստիկանությունը, որին ոտքի է հանել Վիտլարը, հասել է այստեղ ու լպստում է ինձ, որպեսզի նման ձևով արթնացնի։ Եվ, այնուամենայնիվ, անմիջապես չբացեցի աչքերս, թույլ տվեցի, որ ինչ֊որ մեկը, կամ ինչ֊որ բան էլի մի քիչ ինձ ջերմորեն, կոպիտ մաշկով հավասարաչափ, խոնավ լպստի, հաճույք էի ստանում, լպստոցից ու չէի փորձում իմանալ, թե ով է դա անում՝ ոստիկանությո՞ւնը, ենթադրում էր Օսկարը, թե՞ կովը։ Միայն հետո ես բացեցի իմ երկնագույն աչքերը։

Նա բծավոր էր, սև֊սպիտակ, նա պառկած էր իմ կողքին, շնչում ու լպստում էր ինձ, մինչև որ ես բացեցի աչքերս։ Չորս կողմը լուսավոր օր էր, փոփոխական ամպամածություն, և այդ ժամանակ ես ինձ ասացի՝ Օսկար, ժամանակ մի կորցրու այս կովի կողքին, որքան էլ նա երկնային աչքերով է նայում քեզ, որքան էլ կոշտ լեզվով ջանասիրաբար հանգստացնում ու կարճացնում է քո հիշողությունը։ Դրսում առավոտ է, ճանճերը դզզում են, ժամանակն է, որ դու նախապատրաստվես փախուստի։ Վիտլարը քեզ կմատնի, հետևաբար, քեզ հարկավոր է փախչել։ Առանց թաքնվելու լուրջ փորձի լուրջ ցուցմունքները ոչինչ չարժեն։ Թող կովը բառաչի, իսկ դու փախիր։ Միևնույն է, նրանք քեզ կորսան, եթե ոչ այստեղ, ապա այնտեղ, սակայն դա արդեն քո հոգսը չէ։

Եվ այսպես, ես կովի կողմից լպստված, լվացված ու սանրված, սկսեցի իմ փախուստը, սակայն փախստականի կարգավիճակով ընդամենը մի քանի քայլ անելուց հետո բռնկվեցի առավոտվա նման զրնգուն ծիծաղով, թմբուկս թողեցի կովին, որը պառկած էր նախկին տեղում ու բառաչում էր, իսկ ես ծիծաղելով փախա։


Երեսուն

Ախ, հա, փախո՛ւստ։ Ես դեռ այդ մասին էլ պետք է պատմեմ։ Ես փախչում էի, որպեսզի բարձրացնեի Վիտլարի ցուցմունքների արժեքը։ Սակայն առանց որոշակի նպատակի փախուստը անհնար է, մտածում էի ես։ Իսկ ո՞ւր ես դու ուզում փախչել, Օսկար, ― հարցնում էի ինքս ինձ։ Քաղաքական իրավիճակը և այսպես կոչված «երկաթյա վարագույրը» զրկում էին ինձ արևելք փախչելու հնարավորությունից։ Ստիպված էի որպես փախուստի նպատակակետ ջնջել իմ Աննա Կոլյայչեկ տատիկի չորս շրջազգեստները, որոնք մինչ օրս էլ, պաշտպանություն ու ապաստան խոստանալով, ուռչում են Կաշուբյան կարտոֆիլի դաշտերում՝ չնայած անձամբ իմ կողմից դեպի չորս շրջազգեստների կողմը փախուստը դիտվում էր որպես միակ հեռանկարայինը, եթե, միևնույն է, պետք էր փախչել։

Տեղին է ասել․ այսօր ես նշում եմ իմ երեսուներորդ ծննդյան տարեդարձը, իսկ դառնալով երեսուն տարեկան, մարդը պարտավոր է տղամարդու պես կշռադատել փախուստների մասին, այլ ոչ թե երեխայի նման։ Մարիան, որն ինձ երեսուն մոմերով կարկանդակ բերեց, ասաց․

― Դու երեսուն տարեկան ես դարձել, Օսկար։ Ժամանակն է, որ դու կամաց֊կամաց խելքի գաս։

Կլեփը, իմ ընկեր Կլեփը, ինչպես և միշտ, ինձ ջազային ձայնագրություններով սկավառակներ նվիրեց, հետո հինգ լուցկի օգտագործեց, որպեսզի վառի իմ կարկանդակի վրայի երեսուն մոմերը։

― Երեսունում կյանքը նոր միայն սկսվում է, ― ասաց Կլեփը։

Նա ինքը քսանինը տարեկան է։

Իսկ ահա Վիտլարը՝ իմ ընկեր Գոթֆրիդը, որն առավել մոտ է իմ սրտին, ինձ քաղցրավենիքներ բերեց, իմ մահճակալի ճաղավանդակի վրայով առաջ խոնարհվեց ու խնթխնթացրեց․

― Իսկ երբ Հիսուսը դարձավ երեսուն՝ ապստամբեց և կոչ արեց իր աշակերտներին։

Վիտլարը միշտ էլ սիրում էր ինձ շփոթության մեջ գցել։ Իբր ես պետք է վեր կենայի իմ անկողնուց ու հավաքեի իմ աշակերտներին, և այս ամենն այն պատճառով, որ ես երեսուն տարեկան էի։ Հետո եկավ իմ փաստաբանը, սկսեց ինչ֊որ թուղթ թափ տալ, շեփորահարեց իր շնորհավորանքները, մահճակալիս թիկնակը զարդարեց իր նեյլոնե գլխարկով և ինձ, ինչպես և մնացած հյուրերին, տեղեկացրեց․

― Սա ես հանգամանքների երջանիկ բերում եմ անվանում։ Այսօր իմ պաշտպանյալը նշում է իր ծննդյան երեսուներորդ տարեդարձը, և հենց նրա ծննդյան երեսուներորդ տարեդարձին ինձ տեղեկություն է գալիս, որ մատնեմատի կապակցությամբ դատավարության ընթացքը կվերականգնվի, քանզի նոր ապացույցներ են հայտնաբերվել․ քույր Բեաթեն, դե, չէ՞ որ դուք գիտեք․․․

Այն, ինչից ես արդեն շատ տարիներ երկյուղ էի կրում, երկյուղ էի կրում իմ փախուստի օրվանից, տեղյակ պահեց իր մասին, այսօր, իմ ծննդյան երեսուներորդ տարեդարձին նրանք կգտնեն իրական մեղավորին, նրանք ինձ բաց կթողնեն հատուկ բժշկական հաստատությունից, ինձանից կխլեն իմ սիրած անկողինը, ինձ դուրս կբերեն սառը, բոլոր քամիներով փչող փողոց և երեսունամյա Օսկարին կստիպեն կանչել իր աշակերտներին ու նրանց հավաքել իր ու իր թմբուկի շուրջ։

Եվ այսպես, դա նա՝ քույր Բեաթեն է նախանձից սպանել իմ քույր Դորոթեային։

Միգուցե դուք դեռ չե՞ք մոռացել։ Կար մի այդպիսի բժիշկ Վերներ, որը, ինչպես հաճախ է պատահում կինոյում ու կյանքում, կանգնած էր երկու բուժքույրերի միջև։ Մռայլ պատմություն է։ Բեաթեն սիրում էր Վերներին։ Իսկ Վերները սիրում էր Դորոթեային։ Իսկ Դորոթեան ընդհանրապես ոչ մեկին չէր սիրում կամ, այսպես ասենք, իր հոգու խորքում սիրում էր փոքրիկ Օսկարին։ Եվ այդ ժամանակ Վերները հիվանդացավ։ Եվ նրա մոտ էր այցելում Դորոթեան, որովհետև նա պառկած էր նրա բաժանմունքում։ Իսկ Բեաթեն դա ոչ մի կերպ չէր կարողանում տանել։ Եվ այդ իսկ պատճառով քույր Դորոթեային համոզեց իր հետ զբոսնել, իսկ Գերեսհայմից ոչ հեռու, տարեկանի դաշտում նրան սպանեց կամ, ասենք այսպես, վերացրեց։ Այժմ Բեաթեն առանց խոչընդոտների կարող էր գնալ բժիշկ Վերների ետևից, սակայն նա նրա ետևից գնում էր այնպես, որ բժիշկը ոչ միայն չառողջացավ, այլև՝ ճիշտ հակառակը։ Հնարավոր է, որ սիրուց խելքը թռցրած քույրը հետևյալ կերպ էր մտածում․ մինչ նա հիվանդ է, նա պատկանում է ինձ։ Արդյո՞ք նա նրան չափից դուրս չափադեղաքանակներով դեղեր էր տալիս։ Թե՞ տալիս էր ոչ այն դեղերը։ Բոլոր դեպքերում, բժիշկ Վերները մահացավ չափից դուրս մեծ դեղաքանակների պատճառով կամ այդ դեղերի պատճառով, սակայն դատարանի առջև Բեաթեն չխոստովանեց ո՛չ չափից դուրս մեծ դեղաքանակների մասին, ո՛չ էլ ոչ այն դեղերի, ո՛չ էլ տարեկանի դաշտում զբոսանքի, որը քույր Դորոթեայի համար վերջին զբոսանքը դարձավ։ Իսկ Օսկարին, որը նույնպես ոչ մի բան չէր խոստովանել, սակայն բանկայի մեջ էր պահել իրեն մերկացնող մատը, նրանք մեղավոր ճանաչեցին տարեկանի դաշտի հետ կապված, սակայն ինձ համարեցին անգործունակ և ուղարկեցին հատուկ բժշկական հիմնարկություն՝ հսկողության տակ։ Բոլոր դեպքերում, մինչ այն, երբ Օսկարին դատեցին ու խցկեցին այդ հաստատությունը, նա փորձեց փախչել, քանի որ ես ուզում էի նկատելիորեն բարձրացնել այն ցուցմունքների արժեքը, որոնք բերել էր իմ ընկեր Գոթֆրիդը։

Երբ ես սկսեցի իմ փախուստը, քսանյոթ տարեկան էի։ Ընդամենը մի քանի ժամ առաջ իմ տոնական կարկանդակի վրա, հանգիստ ծուլությամբ կաթելով, այրվում էին երեսուն մոմեր։ Ահա այն ժամանակ ևս, երբ ես փախչում էի, նույնպես սեպտեմբեր էր։ Ես ծնվել եմ կույսի նշանի տակ։ Սակայն խոսքն այստեղ կգնա ոչ թե էլեկտրական լամպերի տակ իմ ծնունդի, այլ իմ փախուստի մասին։

Քանի որ, ինչի մասին ասվեց ավելի վաղ, ճանապարհը դեպի արևելք, դեպի տատիկս, փակ էր, ես, ինչպես և մեր օրերում յուրաքանչյուր մարդ, ստիպված եղա փախչել արևմուտք։ Եթե քաղաքական բարձր նկատառումներով դու չես կարող գնալ հարազատ տատիկիդ մոտ, այդ ժամանակ վազիր պապիկիդ մոտ, որն ապրում է Բուֆալոյում, Միացյալ Նահանգներում։ Փախիր Ամերիկա, Օսկար, տեսնենք, թե որքան հեռու կփախչես։

Կոլյայչեկ պապի և Ամերիկայի վերաբերյալ միտքն իմ գլխում ծագեց, երբ ես դեռ փակ աչքերով պառկած էի Գերեսհայմի ետևի մարգագետնում, և կովը լպստում էր իմ դեմքը։ Մոտավորապես առավոտյան ժամը յոթն էր, և ինքս ինձ ասացի՝ Գոթֆրիդը երեկ հոգնել էր, հնարավոր է, որ նա իր հայտարարությունն անի միայն ութին և, կամ էլ, ութն անց կեսին, օգտագործիր ժամանակի մեջ առավելությունը, որը դու ստացել ես։ Ինձանից տասը րոպե պահանջվեց հեռախոսով քնաթաթախ Գերեսհայմ տաքսի կանչելու համար։ Տաքսին ինձ հասցրեց Գլխավոր կայարան։ Ուղևորության ընթացքում ես հաշվեցի իմ կանխիկ գումարը, սակայն հաճախ շեղվում էի հաշվից, որովհետև պարբերաբար բռնկվում էի առավոտին բնորոշ թարմ ու անմեղ ծիծաղով։ Այնուհետև ես թերթեցի իմ ճանապարհային անձնագիրը, անտեղ՝ շնորհիվ «Վեստ» համերգային գործակալության հոգատարության, Ֆրանաիա մուտք գործելու վիզա հայտնաբերեցի, որը գործում էր նաև Միացյալ Նահանգների համար, դոկտոր Դյոշը արդեն վաղուց էր համակված թմբկահար Օսկարի համերգային շրջագայությամբ վերը նշված երկրներն երջանկացնելու գաղափարով։

Շատ լավ, ասացի ինքս ինձ, այդ ժամանակ փախչում ենք Փարիզ, դա հեշտ է անել, դա լավ է հնչում և կսազեր Գաբենի մասնակցությամբ ֆիլմի համար, որը ծխամորճ ծխելով, լիովին բարեհոգի ընկնում է քո ետևից։ Իսկ ինձ ո՞վ պետք է խաղա։ Չապլի՞նը։ Պիկասո՞ն։ ― Ծիծաղելով և իմ մտքերից հուզված, ես դեռ էլի շրմփացնում էի իմ փոքր֊ինչ ճմռթված շալվարին, երբ վարորդն արդեն վաղուց պահանջում էր վճարել իր յոթ մարկը։ Ես վճարեցի ու նախաճաշեցի կայարանի ռեստորանում։ Թերխաշ ձվի կողքին ես բռնել էի երկաթուղային չվացուցակը, համապատասխան գնացք ընտրեցի, նախաճաշից հետո դեռ հասցրեցի ձեռք բերել անհրաժեշտ տարադրամը, համատեղ գնեցի նաև լավ կաշվից մի ճամպրուկ՝ վախենալով վերադառնալ Յուլիխերշտրասե, այնտեղ խցկեցի թեև թանկարժեք, սակայն վատ նստող մի վերնաշապիկ, նույն տեղում դրեցի գունատ, կանաչ գիշերային անդրավարտիքս, ատամի խոզանակը, մածուկը և դրանց նման մանրուքներ, քանի որ խնայելու անհրաժեշտություն չկար՝ գնեցի առաջին կարգի տոմս, ինչից գրեթե անմիջապես հետո ինձ հրաշալի զգացի պատուհանի մոտի փափուկ բազկաթոռի մեջ․ ես փախչում էի, սակայն վազելու կարիքը չկար։ Աթոռի բարձիկները ևս նպաստում էին իմ խորհրդածություններին։ Հենց որ գնացքը շարժվեց՝ սկսվեց փախուստը, Օսկարը սկսեց իր համար սարսափի արժանի ինչ֊որ բան հորինել, քանզի դրա համար պատճառ կար, ինքս ինձ ասացի, առանց վախի ոչ «փախի»։ Դե այդ դեպքում ասա, Օսկար, ի՞նչն է քեզ թվում սարսափելի և ինչը՝ փախուստի արժանի, եթե նույնիսկ ոստիկանության մասին միտքը քո մեջ այլ բան չի առաջացնում, քան վաղորդյան լուսավոր ծիծաղ։

Այսօր լրացավ իմ երեսուն տարին և, չնայած իմ փախուստը, ինչպես և դատաքննությունը հեռու անցյալում են, այն վախը, որ ես ներշնչեցի ինձ, երբ փախչում էի, այդ վախը ոչ մի տեղ չի անհետացել։

Ի՞նչն է պատճառը՝ վագոնների ցնցումնե՞րը, երկաթուղային գծի ե՞րգը։ Տեքստը միապաղաղ մոտենում էր, միայն Սախենից առաջ այն իր միտքն ընկավ, նստեց իմ՝ առաջին կարգի բազկաթոռների մեջ թաղվածիս մեջ, ամրապնդվեց, չհեռացավ նույնիսկ Աախենից հետո, երբ սահմանը մենք անցանք մոտավորապես տասն անց կեսին։ Դառնում էր ավելի ու ավելի հստակ և սարսափելի, այնպես որ ես նույնիսկ ուրախ էի, որ մաքսավորները ինձ որոշ չափով շեղեցին, ընդ որում, իմ կուզը նրանց մոտ ավելի ուշադրություն գրավեց, քան իմ անունն ու իմ անձնագիրը, և ես կրկնում էի ինքս ինձ․ ախ, այդ Վիտլարը, այդ քնկո՛տը։ Շուտով տասնմեկն է, իսկ նա դեռ պահածոյացման համար բանկան թևի տակ դրած ոստիկանություն չի հասել, այն դեպքում, երբ ես նրա ողորմածությամբ, վաղ առավոտից փրկվում եմ փախուստով, ուզում եմ ինձ վախ ներշնչել, որպեսզի փախուստը առաջ մղիչ ուժ ունենա․ ախ, ինչ աստիճան էի ես վախենում Բելգիայում, երբ երկաթուղային գիծը երգում էր․ «Որտե՞ղ է մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին։ Այստեղ է նա, այստեղ պիտի լինի նա, պիտի լինի նա․․․»։

Այսօր ես երեսուն տարեկան եմ, դատաքննության վերսկսվելու պատճառով, սպասվելիք արդարացման դատավճռի պատճառով ես ստիպված եմ կրկին տեղաշարժվել և գնացքներում ու տրամվայներում լսել․ «Այստեղ է նա, այստեղ պիտի լինի նա, պիտի լինի նա»։

Սակայն եթե շեղվենք Սև խոհարարուհու հանդեպ իմ վախից, որի սարսափելի հայտնվելուն ես սպասում էի յուրաքանչյուր կայարանում, ուղևորությունն ինքնըստինքյան հաճելի էր։ Ես կուպեում մնացի մենակ հնարավոր է, որ խոհարարուհին ճամբորդում էր հարևան կուպեում, հերթականությամբ ծանոթանում էր բելգիական ու ֆրանսիական մակսավորների հետ, մի հինգ րոպե ննջում էր, թեթև ճիչով արթնանում և, որպեսզի գոնե ամբողջապես չհայտնվեմ Սև խոհարարուհու դիմաց, թերթում էի «Շպիգել» շաբաթաթերը, որը դեռ Դյուսելդորֆում վագոնի պատուհանից էի գնել, կրկին, ինչպես անցյալում շատ անգամ, զարմացա այն բանի վրա, թե ինչպես է, որ լրագրողներն ամեն ինչ գիտեն, նույնիսկ իմ մենեջերի՝ «Վեստ» համերգային գործակալության աշխատակից դոկտոր Դյոշի մասին հոդված գտա, իսկ նրանում հաստատումն այն բանի, ինչը ես առանց նրանց էլ գիտեի․ Դյոշի համերգային գործակալական ծառայությունը կանգնած էր ընդամենը մեկ հենարանի վրա, և այդ հենարանը Օսկարն էր՝ թմբկահարը, բավականին վայելուչ լուսանկար։ Եվ քաշող֊տանող հենարանը գրեթե մինչև Փարիզ հասնելը պատկերացնում էր «Վեստ» համերգային գործակալության այն սնանկացումը, որն անխուսափելիորեն կհետևի իմ կալանավորմանը և Սև խոհարարուհու սարսափելի հայտնվելուն։

Իմ ողջ կյանքում ես չէի վախեցել Սև խոհարարուհուց։ Միայն փախուստի ժամանակ, երբ ես ուզում էի ինչ֊որ բանից վախենալ, նա սողալով մտավ իմ մաշկի տակ և այդպես էլ մնաց այնտեղ՝ չնայած, մեծ մասամբ քնած տեսքով, մնաց մինչև այսօր, երբ ես նշում էի իմ երեսունամյակը, նա տարբեր կերպարանքներ է ընդունում, օրինակ, «Գյոթե» բառը ինձ երբեմն ստիպում է վախից գոռալ և մտնել վերմակի տակ։ Որքան էլ ես երիտասարդ տարիքից ուսումնասիրում էի բանաստեղծների արքային, ինձ վրա մշտապես ծանր տպավորություն էր թողնում նրա օլիմպիական հանգստությունը։ Իսկ արդեն այժմ, երբ նա, Սև խոհարարուհու հագուստով զգեստավորված, այլևս իմ առջև լուսավոր ու դասական չի ներկայանում, այլ հակառակը, իր սևությամբ գերազանցելով անգամ Ռասպուտինին, կանգնում է իմ մետաղյա մահճակալի դիմաց և ի պատիվ իմ ծննդյան տարեդարձի հարցնում է․ «Որտե՞ղ է մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին», ― ես սարսափելի վախենում եմ։

«Այստեղ է նա, այստեղ է նա», ― երգում է իմ գնացքը՝ փախստական Օսկարին Փարիզ տանելով։ Անկեղծ ասած, ես Ինտերպոլի ներկայացուցիչներին սպասում էի արդեն փարիզյան Հյուսիսային կայարանում՝ Գոր֊դյու֊Նոր֊ում, ինչպես ասում է ֆրանսիացին։ Սակայն միայն բեռնակիրը, որից կարմիր գինու հոտն այն աստիճան էր փչում, որ նրան Սև խոհարարուհու տեղ ընդունելը ամենայն ցանկության դեպքում անհնարին էր, խոսեց ինձ հետ, և ես մտերմաբար մեկնեցի նրան իմ ճամպրուկը, որպեսզի նա այն հասցնի մինչև պտուտադռնակի մոտ։ Չէ՞ որ ես այդպես էլ գիտեի․ ոստիկանությունը և խոհարարուհին ևս չեն ցանկանա փող ծախսել կառամատույցի տոմսի վրա, նրանք քո հետ կզրուցեն ու կբռնեն քեզ արդեն պտուտադռնակից հետո։ Եվ, ուրեմն, դու խելամիտ կվարվես, եթե դեռ պտուտադռնակի դիմաց վերցնես քո ճամպրուկը։ Ահա ես էլ հենց ստիպված եղա այն քարշ տալ մինչև մետրո, որովհետև նույնիսկ ոստիկանությունը չբարեհաճեց հայտնվել, որպեսզի վերցնի իմ ուղեբեռը։

Ես ձեզ ոչինչ չեմ պատմի մետրոյի համաշխարհային ճանաչում ունեցող հոտի մասին։ Ինչպես մոտ ժամանակներս կարդացի, կարող ենք այդպիսի հոտով օծանելիք գնել ու մեզ վրա շաղ տալ։ Ես ուշադրություն դարձրի միայն այն բանի վրա, որ, նախ և առաջ, մետրոն, երկաթուղու նման, չնայած որ այլ ռիթմով, հարց է տալիս Սև խոհարարուհու մասին, և երկրորդ, որ նա պետք է հայտնի լինի մնացած ուղևորներին և նրանց վախ ներշնչի, ինչպես և ինձ, քանզի իմ շուրջը բոլորը վախ ու սարսափ էին ճառագում։ Իմ ծրագիրն այսպիսի տեսք ուներ․ մետրոյով հասնել մինչև Պորտե֊դը Իտալիկ, իսկ այնտեղից տաքսի վերցնել և գնալ Օռլի օդանավակայան, ես ինձ առանձնապես հրապուրիչ ու ինքնատիպ էի պատկերացնում ձերբակալությունը եթե ոչ Հյուսիսային կայարանում, ապա այդ դեպքում հանրահայտ Օռլի օդանավակայանում և ուղեկցորդուհու հագուստով խոհարարուհուն։ Ես ստիպված եղա մեկ անգամ փոխել գնացքը, ուրախացա, որ ձեռքինս այդքան թեթև ճամպրուկ է և թույլ տվեցի, որպեսզի մետրոյի վագոնը ինձ տանի դեպի հարավ, իսկ ինքս մտածում էի․ իսկ որտեղ դու դուրս կգաս, Օսկար, Տեր Աստված, որքան իրադարձություններ մեկ օրում․ այսօր առավոտյան Գերեսհայմից ոչ հեռու քեզ լիզում էր կովը, դու ուրախ էիր ու վախի զգացում չունեիր, իսկ այժմ դու Փարիզում ես, դե որտեղ ուրեմն կիջնես, և որտեղ է նա՝ սև ու սարսափելի, դուրս գալու քեզ ընդառաջ։ «Պլաս դը Իտալիկի՞» վրա, թե՞ արդեն Պորտե֊ի մոտ։

Ես իջա «Պորտե»֊ից մեկ կանգառ առաջ, «Մեզոն Բլանշ»֊ի մոտ, քանի որ այսպես էի մտածում․ նրանք, իհարկե, մտածում են, որ ես մտածում եմ, որ նրանք կանգնած են «Պորտե»֊ի մոտ։ Դրա փոխարեն նա գիտի, թե ինչ եմ մտածում ես, ինչ են մտածում նրանք։ Ես դրանից զզվել էի։ Փախուստը և վախի զգացումի տանջալիորեն պահպանվելը հոգնեցրին ինձ։ Օսկարը այլևս չէր ցանկանում օդանավակայան գնալ, նա «Մեզոն Բլանշը» առավել ինքնատիպ էր համարում, քան Օռլին, և պարզվեց, որ ճիշտ էր․ մետրոյի այդ կայարանում շարժասանդուղք կար, որն ինձ օգնեց որոշ բարձր զգացմունքներ ապրել ու լսել նրա հավասարաչափ թխկթխկոցի մեջ․ «Որտեղ է մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին։ Այստեղ է նա, այստեղ է նա»։

Օսկարը գտնվում է որոշակի շփոթվածության մեջ։ Նրա փախուստը մոտենում էր ավարտին, փախուստի հետ ավարտին է մոտենում նաև նրա պատմությունը․ արդյոք «Մեզոն Բլանշ» մետրոյի շարժասանդուղքը կլինի բավականաչափ բարձր, ուղղաբերձ ու խորհրդանշական, որպեսզի իր հավասարաչափ թխկթխկոցով նշանավորի նրա գրառումների եզրափակիչ մասը։

Սակայն այստեղ ես վերհիշում եմ իմ սեփական, իմ այս օրվա երեսնամյակը։ Եվ բոլոր նրանց, ում շարժասանդուղքը չափից դուրս աղմկոտ է թվում, ու չի սարսափեցնում Սև խոհարարուհին, ես, որպես եզրափակիչ պատկեր, առաջարկում եմ իմ երեսուներորդ ծննդյան տարեդարձը։ Քանզի մի՞թե երեսուներորդ ծննդյան տարեդարձը բոլոր մնացյալներից ամենամիանշանակը չէ։ Նա իր մեջ ամփոփում է երեք թիվը, նա թույլ է տալիս կանխատեսել վաթսուն թիվը և դրանով այն դարձնում է ավելորդ։ Երբ այսօր առավոտյան իմ տոնական կարկանդակի վրա երեսուն մոմեր այրեցի, ես պատրաստ էի ուրախությունից ու գորովանքից արտասվել, սակայն Մարիայի պատճառով անհարմար զգացի․ երեսուն տարեկանում այլևս չի կարելի արտասվել։

Հենց շարժասանդուղքի առաջին աստիճանը ընդունեց ինձ, եթե ընդհանրապես հնարավոր համարենք, որ շարժասանդուղքը առաջին աստիճան ունի, ես սկսեցի ծիծաղել։ Չնայած վախիս կամ հենց նրա պատճառով էի ես ծիծաղում։ Շարժասանդուղքը դանդաղ ու կտրուկ բարձրանում էր վերև, իսկ վերևում կանգնած էին նրանք։ Ինձ մոտավորապես կես սիգարետի չափով ժամանակ էր մնում։ Երկու աստիճան վերևում բարձրանում էր ծեր կինը, ի դեմս որի ես սկզբում, ընդ որում առանց որևէ հիմքի, կասկածեցի Սև խոհարարուհուն։ Նրա գլխին մրգերի պատկերներով զարդարված գլխարկ կար։ Մինչ ես ծխում էի, գլխումս միտք ծագեց, և ես ընդհանուր առմամբ ունեցա շարժասանդուղքի կապակցությամբ տարբեր ասոցիացիաներ․ սկզբում Օսկարը պատկերում էր բանաստեղծ Դանտեին, որը վերադառնում էր դժոխքից, իսկ վերևում, որտեղ ավարտվում է շարժասանդուղքը, նրան են սպասում «Շպիգելի» ճարպիկ թղթակիցները մեկ հարցով․ «Ողջույն, Դանտե, դե, ինչպե՞ս է այնտեղ, դժոխքում»։ Նման խաղ արեցի նաև բանաստեղծների արքայի՝ Գյոթեի հետ, և «Շպիգելի» մարդիկ ինձ հարց ու փորձ էին անում, թե ինչպես է այնտեղ, ներքևում, մայրերի մոտ։ Հետո բանաստեղծները ինձ զզվեցրին, ինքս ինձ ասացի՝ վերևում չկան ո՛չ «Շպիգելից» մարդիկ, ո՛չ գրպաններում մետաղական ժետոններ դրած հայտնի պարոններ։ Այնտեղ կանգնած է նա՝ խոհարարուհին, և շարժասանդուղքը դղրդում է․ «Որտեղ է մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին», իսկ Օսկարը պատասխանում է․ «Այնտեղ է նա, այնտեղ է նա»։

Շարժասանդուղքի կողքին կային նաև լիովին նորմալ աստիճաններ։ Դրանցով մարդիկ ներքև՝ մետրոյի կայարան էին իջնում։ Ակնհայտորեն փողոցում անձրև էր տեղում։ Մարդիկ թրջված տեսք ունեին։ Դա ինձ անհանգստացրեց, որովհետև Դյուսելդորֆում ես թիկնոց գնելու համար ժամանակ չունեցա։ Սակայն մի թռուցիկ հայացք դեպի վերև, և Օսկարը կարող էր համոզվել, որ աննկատ նկատելի դեմքերով պարոնները իրենց մոտ երկու լիովին քաղաքացիական անձրևանոցներ ունեն՝ չնայած դա ամենևին էլ կասկածի տակ չէր դնում Սև խոհարարուհու գոյությունը։

Ինչպե՞ս ես կխոսեմ նրանց հետ, ես անհանգստացա ու հաճույք զգացի՝ դանդաղ ծխելով իմ սիգարետը, զգացմունքների դանդաղ վերելք ստեղծող, գիտելիքները հարստացնող շարժասանդուղքի վրա․ շարժասանդուղքի վրա մարդն ավելի երիտասարդ է դառնում, շարժասանդուղքի վրա մարդը դառնում է ավելի տարիքով։ Ես ընտրություն ունեի՝ որպես երեք տարեկան կամ որպես վաթսուն տարեկան թողնել շարժասանդուղքը, Ինտերպոլի հետ հանդիպել որպես նորածին կամ ծերունի, այս կամ այն տարիքում վախենալ Սև խոհարարուհուց։

Հավանաբար, արդեն շատ ուշ է։ Իմ մետաղյա մահճակալն այնքան հոգնած տեսք ունի, և իմ հիվանդապահ Բրունոն ևս երկու անգամ իմ դռան վրայի անցքին է մոտեցրել իր մտահոգ, շագանակագույն աչքը։ Հողմածաղիկ պատկերող ջրաներկ կտավի տակ դրված է երեսուն մոմերով ձեռք չտված կարկանդակը։ Հնարավոր է, որ Մարիան արդեն քնած է։ Ինչ֊որ մեկը, կարծես դա Հուստան էր՝ Մարիայի քույրը, ինձ մոտակա երեսուն տարիների համար երջանկություն ցանկացավ։ Մարիան այնպես է քնում, որ կարելի է նախանձել։ Այո, իսկ ի՞նչ կամեցավ ինձ ծննդյանս տարեդարձի կապակցությամբ իմ որդի Կուրտը՝ գիմնազիստը, օրինակելի աշակերտը, ողջ դասարանում ամենալավը։ Երբ Մարիան քնած է, նրա շուրջ կահույքը նույնպես քուն է մտնում։ Ախ, այո, հիշեցի, հիշեցի․ փոքրիկ Կուրտն ինձ հանգիստ առողջացում ցանկացավ։ Իսկ ես անձամբ կցանկանայի Մարիայի քնի գոնե մի պատառիկը, քանի որ ես հոգնել եմ, և իմ գրեթե բոլոր բառերը սպառվել են։ Կլեփի երիտասարդ կինը, չնայած բարի նպատակներով, ի պատիվ իմ կուզի, մի հիմար բանաստեղծություն էր հորինել։ Ահա արքայազն Օյգենն էլ էր այլանդակ, սակայն վերցրեց ու, այնուամենայնիվ, գրավեց Բելգրադ քաղաքն ու ամրոցը։ Ժամանակն է, որպեսզի Մարիան ի վերջո հասկանա, որ կուզը երջանկություն է բերում։ Ահա արքայազն Օյգենը ևս երկու հայր ուներ։ Այժմ ես երեսուն տարեկան եմ, սակայն իմ կուզն ավելի երիտասարդ է։ Լյուդովիկոս Տասնչորսերորդը արքայազն Օյգենի ենթադրյալ հայրերից մեկն էր։ Նախկինում գեղեցիկ կանայք փողոցներում հաճախ էին ձգտում դիպչել իմ կուզին երջանկության համար։ Արքայազն Օյգենը այլանդակ էր և այդ իսկ պատճառով բնական մահով մահացավ։ Եթե Հիսուսը կուզ ունենար, դժվար թե հաջողվեր նրան խաչի վրա մեխել։ Մի՞թե ես այժմ պարտավոր եմ հավաքվել, ու շուրջս աշակերտներ հավաքել միայն այն պատճառով, որ լրացել է իմ երեսուն տարին։

Բայց դա ընդամենը շարժասանդուղքային գաղափար էր։ Շարժասանդուղքն ինձ անընդհատ տանում էր վեր ու վեր։ Իմ առջևում ու վերևում անքաղաքավարի զույգ էր։ Իմ ետևում ու ներքևում՝ գլխարկով ծեր կինը։ Փողոցում անրև է, իսկ վերևում, լրիվ վերևում կանգնած են Ինտերպոլի պարոնները։ Աստիճանները շարված են եզրավոր շրիշակներով։ Երբ կանգնած եմ շարժասանդուղքի վրա, պետք է ամեն ինչը կշռադատել․ որտեղի՞ց ես դու եկել։ Ո՞ւր ես դու գնում։ Ո՞վ ես դու։ Ինչպե՞ս է քո անունը։ Ի՞նչ ես դու ուզում։ Հոտերը համակում են ինձ․ երիտասարդ Մարիայի վանիլը։ Յուղով պատրաստված սարդինաների յուղը, որն իմ խեղճ մայրիկը տաքացնում ու տաք վիճակում խմում էր, մինչև որ ինքն էլ սառեց ու հեռացավ գետնի տակ։ Յան Բրոնսկին, որն անփոփոխ օծանելիք էր օգտագործում, սակայն վաղաժամ մահը արդեն փչում էր նրա կոճակների բոլոր հանգույցների միջով։ Բանջարեղեն վաճառող Գրեֆի մառանից ձմեռային կարտոֆիլի հոտ է գալիս։ Եվ ևս մեկ անգամ․ առաջին դասարանցիների թերթաքարերի գրատախտակի վրա չորացած սպունգների հոտը։ Եվ իմ Ռոզվիտան, որից մշկախաղողի ու դարչինի հոտ էր գալիս։ Երբ պարոն Ֆայնգոլդը իմ ջերմության վրա շաղ տվեց իր ախտահանիչ միջոցները, ես լողում էի կարբոլաթթվի ամպի վրա։ Ախ այդ Սուրբ Քրիստոսի սիրտը եկեղեցու կաթոկիցիզմը, այդ բազմաթիվ չթարմացված հագուստները, այդ սառը փոշին։ Ես ձախ կողային զոհասեղանի դիմաց իմ թմբուկը փոխանցեցի․ սակայն ո՞ւմ։

Այնուամենայնիվ, դա ընդամենը շարժասանդուղքային գաղափար էր։ Այսօր ինձ ուզում են մեխերով մեխել, ինձ ասում են․ դու երեսուն ես։ Եվ հետևաբար, դու պետք է հավաքես աշակերտներիդ։ Հիշիր, խնդրեմ, թե ինչ էիր դու ասում, երբ քեզ բռնել էին։ Հաշվիր քո կարկանդակի վրայի մոմերը, թո՛ղ անկողինը և հավաքի՛ր աշակերտներիդ։ Չէ՞ որ երեսուն տարեկանի դիմաց այդքան շատ հնարավորություններ են բացվում։ Օրինակ, եթե ինձ իսկապես դուրս հանեն բժշկական հիմնարկությունից, ես կկարողանայի ևս մեկ անգամ խնդրել Մարիայի ձեռքը։ Այսօր ես շատ ավելի մեծ հաջողության հավակնություն կունենայի։ Այդ Օսկարն էր, որ նրան խանութ գնեց, մինչև օրս էլ ձայնապնակների վրա շարունակում է լավ փող աշխատել, այդ ընթացքում դարձավ ավելի հասուն ու մեծահասակ։ Երեսունում ժամանակն է ամուսնանալու։ Կամ ընդունենք այսպես․ ես մնում եմ ամուրի, ինձ համար ընտրում եմ իմ մասնագիտություններից մեկը, լավ կրաքարի քարհանք եմ գնում, մի քանի քարհատների եմ վարձում, աշխատում եմ քարհանքից՝ շինարարություն, առանց միջնորդների։ Երեսուն տարեկանում ժամանակն է, որպեսզի կայունացնես քո կենցաղը։ Կամ, եթե ապագայում ինձ զզվեցնեն նման կիսակառույց շինությունները, ես կներկայանամ Ուլլա անունով մուսային, նրա հետ միասին ու նրա կողքին որպես հետաքրքիր բնորդ կծառայեմ գեղեցիկ արվեստներին։ Իսկ միգուցե գեղեցիկ մի օր ես ընդհանրապես կամուսնանամ նրա՝ այդքան հաճախ ու այդքան կարճատև ժամանակով նշանվող մուսայի հետ։ Երեսուն տարեկանում ժամանակն է ամուսնանալու։ Կամ եթե ինձ ձանձրացնի Եվրոպան, ես կարտագաղթեմ Ամերիկա, Բուֆալո, իմ հին երազանքը․ ես կփնտրեմ ու կգտնեմ իմ պապին՝ միլիոնատեր Ջո Կոլչիկին, նույն ինքը՝ նախկին հրձիգ Յոզեֆ Կոլյայչեկին։ Երեսունում ժամանակն է անցնել նստակյաց կյանքի։ Եվ կամ ես կհանձնվեմ, թույլ կտամ, որ ինձ մեխերով մեխեն, կամ դուրս կգամ և միայն այն պատճառով, որ երեսուն տարեկան եմ, կներկայանամ որպես մեսիա, որի տեղն են նրանք ինձ ընդունում։ Սեփական փորձիս հակառակ՝ իմ թմբուկը ավելին կդարձնեմ, քան նա ունակ է պատկերել, նրան կվերածեմ խորհրդանիշի, կհիմնեմ աղանդ, կուսակցություն կամ ուղղակի մասոնական օթյակ։

Չնայած ինձնից վերև կանգնած սիրահար զույգին ու ինձնից ներքև՝ գլխարկով ծեր կնոջը, շարժասանդուղքային գաղափարը գրավեց ինձ։ Արդեն ասե՞լ եմ, որ զույգը կանգնած էր մեկ, այլ ոչ թե երկու աստիճան վեր, որ իմ և զույգի միջև դրել էի իմ ճամպրուկը։ Ֆրանսիայում երիտասարդ մարդիկ չափազանց տարօրինակ տպավորություն են թողնում։ Այսպես, աղջիկը, մինչ շարժասանդուղքը նրանց տանում էր վեր, արձակեց նրա հագի կաշվե բաճկոնը, այնուհետև վերնաշապիկը և սկսեց մշակել տասնութամյա մաշկը։ Ընդ որում, դա կատարում էր այնքան գործնական, այնպես արհեստավարժ, բացարձակապես ոչ էրոտիկ շարժումներով, որ իմ մեջ նույնիսկ կասկած առաջացավ․ մարդկանց մեջ իրենց սիրային կիրքը ցուցադրելով՝ երիտասարդ մարդիկ աշխատավարձ են ստանում, որպեսզի Ֆրանսիայի մայրաքաղաքը չկորցնի իր երբեմնի փառքը։ Սակայն, երբ դրանից հետո զույգը սկսեց համբուրվել, իմ կասկածները հօդս ցնդեցին․ աղջկա լեզվից քիչ էր մնում տղայի շունչը կտրվեր և նա դեռ շարունակում էր հազալ, երբ ես արդեն հանգցրել էի իմ սիգարետը, ցանկանալով ոստիկանության առջև ներկայանալ որպես չծխող։ Ինձանից ներքև կանգնած ծեր կինն ու նրա գլխարկը, ես ուզում եմ ասել, որ գլխարկը գտնվում էր հենց իմ գլխի հարթության վրա, քանի որ իմ հասակը հավասարակշռում էր երկու աստիճաննների միջև բարձրության տարբերությունը, ոչ մի արտառոց բան չէր անում, եթե չհաշվենք այն, որ նա ինչ֊որ բան էր փնթփնթում, քթի տակ ինքն իրեն կշտամբում էր։ Սակայն, վերջիվերջո, փարիզեցի շատ ծեր կանայք են իրենց այդպես պահում։ Շարժասանդուղքի՝ ռետինե բազիրքները մեզ հետ բարձրանում էին վեր։ Կարելի էր ձեռքը դնել դրանց վրա, որպեսզի ձեռքը նույնպես գնար։ Ես այդպես էլ կվարվեի, եթե հետս ձեռնոցներ վերցրած լինեի։ Պատերի վրայի բոլոր հախճասալիկները մի քիչ, աննշան քանակությամբ էլեկտրական լույս էին անդրադարձնում։ Խողովակներն ու համատարած բաց դեղնավուն մետաղամալուխների փնջերը ուղեկցում էին մեր վերելքը։ Չեմ կարող ասել, թե աստիճանները դժոխային աղմուկ էին բարձրացնում։ Չնայած իրենց մեխանիկական ծագմանը, դրանք նույնիսկ հարմարավետ էին թվում։ Եվ, չնայած սարսափելի Սև խոհարարուհու մասին բանաստեղծությունների թխկթխկոցին, «Մեզոն Բլանշ» մետրոյի֊կայանը ինձ վրա տնական, ես նույնիսկ կասեի, մտերմիկ տպավորություն էր թողնում։ Ես շարժասանդուղքի վրա զգում էի ինձ ինչպես տանը, ես ինձ երջանիկ կհամարեի՝ չնայած վախիս ու մանկական սարսափիս, եթե նա ինձ հետ վեր բարձրացներ ոչ թե բացարձակապես օտար մարդկանց, այլ իմ ողջ ու մահացած ընկերներին ու հարազատներին․ Մացերատի ու Յան Բրոնսկու միջև իմ խեղճ մայրիկին, ճերմակահեր մկնիկ Տրուչինսկի մայրիկին իր երեխաների՝ Հերբերթի, Հուստայի, Ֆրիցի, Մարիայի հետ և բանջարեղեն վաճառող Գրեֆին ու նրա անբովանդակ Լինային և, բնականաբար, խրատատու Բեբրային և նազանի Ռոզվիտային՝ մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր եզրապատում էին իմ կասկածելի կենցաղը։ Նրանց, ում կործանեց իմ կենցաղը, իսկ ահա վերևում այնտեղ, որտեղ սպառվում էին շարժասանդուղքի ուժերը, ես կամենում էի ոստիկանների փոխարեն տեսնել Սև խոհարարուհուն մի ինչ֊որ հակադիր բան․ որպեսզի այնտեղ սարի պես վեր խոյանար իմ Աննա Կոլյայչեկ տատիկը և որպեսզի բարեհաջող վերելքից հետո նա ինձ իմ շքախմբով ներս թողներ իր շրջազգեստների տակ, սարնիվեր։

Սակայն այնտեղ ընդամենը երկու պարոններ էին կանգնած, և նրանց հագին լայնատարած շրջազգեստներ չկային, այլ կային ամերիկյան ձևվածքի անջրթափանցիկ թիկնոցներ։ Դրան գումարած, վերելքն ավարտելով ու կոշիկներիս միջի բոլոր տասը մատներով ծիծաղելով, ես պետք է խոստովանեի, որ և՛ իմ վերևի անքաղաքավարի զույգը, և՛ իմ ներքևի փնթփնթացող ծեր կինը՝ բոլորը ոստիկանական գործակալներ էին։

Դե այստեղ էլ ինչ երկար պատմեմ․ մերկ լամպերի տակ ծնված, երեք տարեկանում գիտակցաբար աճը կանգնեցրած, որպես նվեր թմբուկ ստացած, ձայնով ապակի կտրող, վանիլի հոտ ներշնչող, եկեղեցիներում հազացող, Լյուցիային կերակրող, մրջյուններին հետևող, կրկին աճելու որոշում կայացրած, թմբուկը թաղած, Արևմուտք մեկնած, Արևելքը կորցրած, քարհատի մասնագիտությունը սովորած ու ծիծաղելով փախուստի դիմած, շարժասանդուղքով վեր բարձրացած, բռնված, դատապարտված, կալանավորված, այնուհետև արդարացված ես այսօր նշում եմ իմ ծննդյան երեսուներորդ տարեդարձը և առաջվա նման վախենում եմ Սև խոհարարուհուց՝ ամեն։

Ես գցեցի հանգցրած սիգարետը։ Այն խնամքով ընկավ աստիճանի շրիշակների միջև։ Այն բանից հետո, երբ Օսկարը որոշ ժամանակ քառասունհինգ աստիճանի անկյան տակ գնում էր դեպի երկինք, նա ևս երեք հորիզոնական քայլ կատարեց, թույլ տվեց, որ շարժասանդուղքի փայտյա շարժական շրիշակները անքաղաքավարի ոստիկանների զույգի ետևից ու ոստիկան տատիկի առջևով իրեն դուրս բերեն շարժական մետաղյա սանդերքի վրա։ Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանները ներկայացան ու նրան Մացերատ անվանեցին, նա, հետևելով իր շարժասանդղքային գաղափարին, սկզբում գերմաներենով՝ «Ես քրիստոսն եմ», հետո այդ նույն բանը (քանի որ այնուամենայնիվ նրա առջև կանգնած էին միջազգային ոստիկանության ներկայացուցիչները) ֆրանսերենով և, ի վերջո, անգլերենով ասաց․ «l am Jesus»։

Սակայն ինձ բռնեցին որպես Օսկար Մացերատ։ Առանց նվազագույն առարկությունների ես ինձ հանձնեցի ոստիկանության իշխանությանը և, քանի որ փողոցում Ավենյու դը Իտալիում անձրև էր գալիս նրանց անձրևանոցներին, ողջ ժամանակ անհանգիստ շուրջս էի նայում։ Վախով լի աչքերով փնտրելով, մի քանի անգամ փողոցի մարդկային հոսքի մեջ, ոստիկանական մեքենան շրջապատած ամբոխի մեջ տեսա Սև խոհարարուհու սարսափելիորեն հանգիստ դեմքը։

Այժմ ինձ մոտ այլևս խոսքեր չմնացին, սակայն ես դեռ պետք է խորհեմ, թե ինչ է պատրաստվում անել Օսկարը, երբ նրան անխուսափելիորեն դուրս թողնեն հատուկ բժշկական հաստատությունից։ Ամուսնանա՞լ։ Մնալ ամուրի՞։ Երկիրը լքե՞լ։ Վերադառնալ բնորդի աշխատանքի՞ն։ Քարհա՞նք ձեռք բերել։ Հավաքել աշակերտների՞ն։ Նոր աղանդի հիմնադի՞ր դառնալ։

Բոլոր հնարավորությունները, որոնք մեր օրերում տրամադրվում են երեսուն տարեկանին, պետք է լրջագույն ձևով ստուգել, իսկ էլ ինչո՞վ դրանք ստուգել, եթե ոչ իմ թմբուկով։ Եվ այսպես, ես թմբուկի համար կստեղծեմ այն երգը, որն ինձ համար ավելի ու ավելի կենդանի ու սարսափեցնող հնչի։ Ես կկանչեմ Սև խոհարարուհուն, կխնդրեմ նրան, որպեսզի վաղն առավոտյան կարողանամ հիվանդապահ Բրունոյին տեղեկացնել, թե ինչպիսի կենսաձև է մտադիր ընտրել Օսկարը մանկական սարսափի ահագնացող ստվերի ներքո, քանզի այն, ինչը նախկինում ինձ վախեցնում էր սանդուղքների աստիճանների տակ, այն, ինչը նկուղում՝ քարածուխ վերցնելիս սարսափ էր ներշնչում, ինձ մոտ առաջացնելով վախի ծիծաղ, այն միշտ այստեղ էր, խոսում էր մատներով, հազում էր բանալու անցքի մեջ, հոգոց էր հանում վառարանի մեջ, գոռում էր դռան հետ, ամպի վերածված՝ դուրս էր լողում ծխնելույզներից, երբ նավերը մշուշի մեջ շեփոր էին հնչեցնում, կամ երբ երկու փեղկերի միջև երկար ժամերով մահանում էր ճանճը։ Նույնիսկ երբ օձաձկները փափագեցին իմ մայրիկին, իսկ մայրիկս փափագեց օձաձկներին, երբ արևն իջնում էր Թուրմբերգի ետևում և սկսում էր իր համար ապրել՝ ասես մաքուր սաթ։ Ո՞ւմ ի նկատի ուներ Հերբերթը, երբ մագլցում էր փայտի վրա։ Ինչպես նաև գլխավոր զոհասեղանի ետևում ի՞նչ արժեք կունենար ողջ կաթոլիցիզմը առանց խոհարարուհու, որը սևացնում է բոլոր խոստովարանները։ Դա նա ստվեր գցեց, երբ փլուզվեց Սիգիզմունդ Մարկուսի խաղալիքների աշխարհը, իսկ եկամտային տան բակում երեխաները, Ակսել Միշկեն ու Նուխի Էյքեն, Սյուզի Քատերը և Հենսխեն Քոլինը, դա արտասանում էին բարձրաձայն, դա երգում էին՝ մանրացված աղյուսից ապուր եփելով․ «Որտե՞ղ է մեր խոհարարուհին, Սև խոհարարուհին, Սև խոհարարուհին»։ Նա միշտ էլ այստեղ է եղել, նույնիսկ ասպրիկի համով թշշացող փոշու մեջ՝ չնայած փոշին անմեղ֊կանաչ տեսք ուներ, բոլոր զգեստապահարաններում, որտեղ ես երբևիցե թաքնվել եմ, թաքնվել է նաև նա, իսկ հետո նա վարձույթով վերցրեց Լյուցիա Ռենվանդի եռանկյունի մռութը, տապակեց հաց և կեղևվը չհանված երշիկ։ Փոշի սրբողներին քշելով տարավ ցատկահարթակ, մնաց միմիայն Օսկարը, նա հետևում էր մրջյուններին ու գիտեր, որ դա նրա ստվերն է, որը բազմացած ինչ֊որ քաղցր բան է փնտրում, և այս բոլոր բառերը՝ Օրհնյալ, Սգացող, Դարեշնորհ, Կույսերի Կույս․․․ և բոլոր քարերը՝ բազալտը, տուֆը, դիաբազը, խեցեքարի միջի խոռոչները, այդքան փափուկ գաջակիրը․․․ և բոլոր, երգով փշրված, ապակիները՝ թափանցիկ, ամենաբարակ, ապակի փչող բանվորի կողմից փչված․․․ և նաև գաղութային ապրանքները՝ երկնագույն, ֆունտանոց ու կես ֆունտանոց փաթեթների միջի ալյուրն ու շաքարը։ Հետո չորս կատուները, որոնցից մեկին Բիսմարկ էին անվանում, պատը, որը ստիպված եղան նորովի սպիտակեցնել, մահվան ճիրանն ընկած Լեհաստանը, ինչպես նաև արտակարգ հաղորդակցությունները, երբ ինչ֊որ մեկը ինչ֊որ մեկին խորտակում էր, կարտոֆիլները, որոնք աղմուկով ընկնում էին կշեռքի վրայից, այն, ինչը ոտքերի մասում նեղանում էր, գերեզմանատները, որոնց վրա կանգնում էի ես, սալքարերը, որոնց վրա ես ծնկի էի իջնում, կոկոսե ուղեգորգերը, որոնց վրա ես պառկում էի․․․ բետոնի մեջ դրոշմվածը, սոխի հյութը, որն արտասուքներ է կորզում, մատի վրայի մատանին ու կովը, որը լիզում է ինձ․․․ Մի հարցրեք Օսկարին, թե ով է նա։ Նրա մոտ այլևս բառեր չեն մնացել, քանզի այն, ինչը նախկինում նստած էր իմ մեջքին, համբուրում էր իմ կուզը, այսուհետ պետք է դուրս գա ինձ ընդառաջ։

Դարձյալ որոշ ժամանակ Սև խոհարարուհին գալիս էր իմ հետքերով։


Իսկ այժմ նա գալիս է ինձ ընդառաջ, սև։

Բառ, վերարկու, շուռ տված, սև։

Սև դրամով վճարում է, սև։


Իսկ ահա երեխաները՝ երգելիս, այլևս չեն երգում․

Այստե՞ղ է Սև խոհարարուհին։ Հա՛, հա՛, հա՛։











  1. Կյանքի տուն (լատ․)։
  2. Ամուսնական տուն(լատ․)։
  3. Լեհաստանի դրոշի գույնը
  4. Վիսլա գետի գերմաներեն անվանումը։
  5. մետաղադրամ
  6. զինվորական կոչում
  7. Կուսակից ընկերները
  8. «Իմ մեղքը, իմ ծանրագույն մեղքը» (լատ.):
  9. Ծովափնյա փոքրիկ քաղաք այժմյան Լեհաստանում, Գդանսկի ծովածոցում։
  10. Գերմանական զինուժը։
  11. ներթափանցում (լատ)
  12. Այստեղ խոսքը Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության այն դրվագի մասին է, որտեղ Հեղինեի որոնումները Ֆաուստին տանում են առասպելական մայրերի թագավորություն։
  13. PX ― Քրիստոսի անվան սկզբնատառերը՝ հունարեն
  14. INRI ― խաչի վրա լատիներեն գրության սկզբնատառերը․ «Հիսուս Նազարեթ Թագավոր Հրեական»։
  15. Մեր միջև պատնեշ մի ստեղծիր (անգլ):
  16. Դե, Ջիմի։ Գնացի՛նք, Ջիմի։ (անգլ)