«Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի»–ի խմբագրումների տարբերություն
(→Գլուխ VI) |
չ (→Նախաբան) |
||
(87 intermediate revisions by 5 users not shown) | |||
Տող 8. | Տող 8. | ||
− | Խիբրաելոնի մարկիզ, Բենալկասարի և Բանյարեսի կոմս Ալկոսերա քաղաքի վիկոնտ, Կապիլիա, Կուրիել և Բուրգիլիոս գյուղերի տեր | + | ::<b>Խիբրաելոնի մարկիզ, Բենալկասարի և Բանյարեսի կոմս |
+ | ::::: Ալկոսերա քաղաքի վիկոնտ, Կապիլիա, | ||
+ | :::: Կուրիել և Բուրգիլիոս գյուղերի տեր</b> | ||
− | Հերցոգ դե Բեխարին | + | ::::::::<b>Հերցոգ դե Բեխարին</b> |
− | Գիտենալով, որ ձերդ պայծառափայլությունը բարեհաճ և հարգալից ընդունելություն է ցույց տալիս ամեն տեսակ գրքերի, ինչպես այդ պատշաճ է իշխանին, որն այնքան տրամադիր է քաջալերելու գեղեցիկ արվեստները, հատկապես այնպիսին նրանցից, որոնք իրենց ազնվությամբ չեն ստորանում մինչև ամբոխին շահադիտորեն ծառայելու աստիճանը, ես որոշեցի ձերդ պայծառափայլության փառապանծ պաշտպանությամբ լույս ընծայել «Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» գիրքը և ձեր մեծությանը արժանի ամենայն հարգանքով խնդրում եմ ողորմածաբար ընդունել այն ձեր հովանավորության տակ, որպեսզի, թեև նա զուրկ է նրբագեղության և բարեկրթության այն թանկագին զարդարանքներից, որոնցով սովորաբար պարուրվում են գիտուն մարդկանց տներում դրված հեղինակությունները, այնուամենայնիվ ձեր անվան հովանու տակ նա համարձակվի վստահությամբ հանդես գալ այն մարդկանց դատաստանի առջև, որոնք անցնելով սեփական տգիտության սահմանները, սովոր են ուրիշի աշխատանքները դատապարտել ավելի շատ խիստ, քան արդարացի․ ձերդ պայծառափայլության իմաստուն աչքից չեն վրիպի իմ բարի դիտավորությունները, և ես հույս եմ տածում, որ դուք չեք արհամարհի իմ հլու նվիրվածության այդ չնչին նշանը։ | + | <i>Գիտենալով, որ ձերդ պայծառափայլությունը բարեհաճ և հարգալից ընդունելություն է ցույց տալիս ամեն տեսակ գրքերի, ինչպես այդ պատշաճ է իշխանին, որն այնքան տրամադիր է քաջալերելու գեղեցիկ արվեստները, հատկապես այնպիսին նրանցից, որոնք իրենց ազնվությամբ չեն ստորանում մինչև ամբոխին շահադիտորեն ծառայելու աստիճանը, ես որոշեցի ձերդ պայծառափայլության փառապանծ պաշտպանությամբ լույս ընծայել «Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» գիրքը և ձեր մեծությանը արժանի ամենայն հարգանքով խնդրում եմ ողորմածաբար ընդունել այն ձեր հովանավորության տակ, որպեսզի, թեև նա զուրկ է նրբագեղության և բարեկրթության այն թանկագին զարդարանքներից, որոնցով սովորաբար պարուրվում են գիտուն մարդկանց տներում դրված հեղինակությունները, այնուամենայնիվ ձեր անվան հովանու տակ նա համարձակվի վստահությամբ հանդես գալ այն մարդկանց դատաստանի առջև, որոնք անցնելով սեփական տգիտության սահմանները, սովոր են ուրիշի աշխատանքները դատապարտել ավելի շատ խիստ, քան արդարացի․ ձերդ պայծառափայլության իմաստուն աչքից չեն վրիպի իմ բարի դիտավորությունները, և ես հույս եմ տածում, որ դուք չեք արհամարհի իմ հլու նվիրվածության այդ չնչին նշանը։</i> |
− | Միգել դե Սերվանտես Սաավեդրա | + | ::::::::::<b>Միգել դե Սերվանտես Սաավեդրա</b> |
Տող 21. | Տող 23. | ||
− | Պարապ ընթերցող, դու առանց երդումների կկարողանաս հավատալ ինձ, թե ինչպես եմ ուզում, որ այս գիրքը՝ իմ բանականության զավակը,<ref> | + | Պարապ ընթերցող, դու առանց երդումների կկարողանաս հավատալ ինձ, թե ինչպես եմ ուզում, որ այս գիրքը՝ իմ բանականության զավակը,<ref>Սերվանտեսը «Դոն Կիխոտը» գրելու միտքը հղացել է բանտում եղած ժամանակ։</ref> լինի ամենասքանչելին, նրբագեղը և խելացին այն բոլոր գրքերից, ինչպիսիք կարելի է պատկերացնել։ Բայց ես չէի կարող խախտել բնության օրենքը, ըստ որի ամեն արարած ծնում է իր նմանին։ Ուստի և, ուրիշ ի՞նչ կարող էր ծնել իմ անպտուղ և անմշակ խելքը, եթե ոչ մի պատմվածք՝ նիհար, չորացած, տարօրինակ և դեռ երբեք ոչ ոքի գլխով չանցած զանազան մտքերով լի մի հերոսի մասին։ Քանի որ մի՞թե կարող է ուրիշ տեսակ լինել բանտում ծնված էակը, ուր ամենայն կեղեքում ապաստան է գտնում և ուր իրեն հանգրվան է ընտրել վշտի ամեն մի հնչյուն։ Լռությունը, խաղաղ վայրը, պայծառ երկինքը, առուների խոխոջը, հոգու անդորությունը՝ ահա ինչն է օգնում ամենաանպտուղ մուսաներին դառնալ արգասավոր և լույս աշխարհ բերել այնպիսի սերունդ, որը աշխարհը լցնում է հիացմունքով ու զարմանքով։ Պատահում է, որ հայրն ունենում է այլանդակ և անճոռնի որդի, բայց հայրական սերը կապում է նրա աչքերը, և նա ոչ միայն չի նկատում որդու թերությունները, դեռ ավելին, համարում է դրանք խելքի ու նրբագեղության նշան և դրանց մասին պատմում է իր բարեկամներին որպես սրամտության ու նրբության դրսևորման մասին։ Իսկ ես միայն թվում եմ դոն Կիխոտի հայրը, բայց իրականում նրա խորթ հայրն եմ, և չեմ ուզում լողալ ուրիշների ետևից հոսանքի ուղղությամբ և նրանց պես աղերսել քեզ, թանկագին ընթերցող, համարյա արցունքն աչքերիս, որպեսզի ներես որդուս թերությունները, կամ այնպես ձևացնես, թե չես նկատում դրանք․ չէ՞ որ դու նրան ո՛չ ազգականես, ո՛չ բարեկամ, մարմնիդ մեջ քո ազատ կամքը ավելի վատ չէ, քան մեզանից որևէ մեկինը, դու նստած ես քո տանը, իսկ տանդ դու նույնպիսի տեր ես, ինչպես թագավորն իր գանձարանում, և դու գիտես, թե ինչ է ասում առածը․ «Իմ թիկնոցի տակ ես թագավորին էլ կսպանեմ»։ Այդ բոլորը քեզ փրկում ու ազատում է ամեն տեսակ աչառությունից ու պարտավորություններից, և այս պատմության մասին դու կարող ես ասել այն ամենը, ինչ մտքովդ անցնի, չվախենալով, որ քեզ կդատապարտեն, եթե վատ արտահայտվես դրա մասին, կամ կպարգևատրեն, եթե գովաբաես։ |
− | Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ | + | Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ դոն Կիխոտի պատմության նախաբանը, և դա ինձ այնպես է դժվարացնում, որ չեմ ուզում գրել այդ, դեռ ավելին, չեմ ուզում լույս ընծայել այնքան ազնիվ ասպետի սխրագործությունների պատմությունը։ |
− | ― Բայց ինչպե՞ս եք ուզում դուք, որ ինձ չվարանեցնի ժողովուրդ կոչվող հին օրենսգրի դատավճիռը, երբ նա տեսնի, որ այնքա՜ն տարիներ մոռացման անդորրի մեջ քնելուց հետո հանկարծ նորից հանդես եմ գալիս տարիքիս բեռան տակ կքած, և նրան մատուցում եմ մի երկ փետրախոտի պես չոր, երևակայությամբ աղքատ, ոճից զուրկ, սակավամիտ, հեռու ամենայն գիտությունից ու հմտությունից, առանց լուսանցագրությունների և գրքի վերջում առանց ծանոթագրությունների, երբ ես գիտեմ, որ հիմա բոլոր գրքերը, նույնիսկ պատմողական և աշխարհիկ, լեփ֊լեցուն են Արիստոտելի, Պլատոնի և փիլիսոփաների ողջ ոհմակի ասույթներով, որի շնորհիվ հիացած ընթերցողները այդ գրքերի հեղինակներին համարում են կարդացած, կրթված և պերճախոս մարդիկ։ Այդ դեռ քիչ է, նրանք մեջբերումներ են անում նաև սուրբ Գրքի՜ց։ Իրավ, նրանց կարելի է սուրբ Թովմասի կամ եկեղեցու մյուս ուսուցիչների տեղը դնել, և ընդմին նրանք այնպես նրբորեն են պահպանում պատշաճավորությունը, որ մի էջի վրա պատկերելով որևէ անառակ սիրեկանի, մյուս էջի վրա անմիջապես հրամցնում են ձեզ քրիստոնեական մի խրատ, որը լսելն ու կարդալը մի սփոփանք և ուրախություն է։ Այդ ամենը չկան իմ գրքում, որովհետև ոչինչ չկա լուսանցագրելու, ոչինչ չկա վերջում՝ ծանոթագրություններում զետեղելու, և ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որ հեղինակներին եմ հետևել իմ պատմվածքի մեջ, այնպես որ ի վիճակի չեմ գրքիս սկզբում, ըստ ընդունված սովորության, բերել անվանացուցակ այբբենական կարգով, սկսած Արիստոտելից և վերջացրած Քսենոֆոնտով, Զոիլով և Զևքսիսով,<ref>Զոիլ ― հունական գրող մ․թ․ա․ IV-III դարերում․ իր սուր քննադատության պատճառով կոչվել է «Հոմերոսի պատուհաս» և «ճարտասանության շուն»։ Զևքսիս ― հունական նկարիչ V-IV մ․թ․ա․։ Մահվանից հետո Զևքսիսը ոչ մի աշխատանք չի թողել, այդ պատճառով էլ պարզ չէ, թե Սերվանտեսը սխալմա՞մբ է նրան դասում «հեղինակությունների» շարքում, թե՞ կատակով։</ref> առանց ուշադրություն դարձնելու այն բանին, որ նրանցից մեկը չարախոս շաղակրատի մեկն է, իսկ մյուսը՝ նկարիչ։ Նմանապես իմ գրքի սկզբում չեն լինի սոնետներ, համենայն դեպս սոնետներ՝ գրված հերցոգների, մարկիզների, կոմսերի, եպիսկոպոսների, տիկնանց կամ ամենանշանավոր պոետների կողմից։ Ճիշտ է, եթե ես խնդրեի իմ երկու֊երեք արհեստավոր֊բարեկամներիս, նրանք իհարկե կգրեին սոնետներ և ընդ որում այնպիսիները, որ նրանց հետ չէին մրցի Իսպանիայի ամենաանվանի պոետների բանաստեղծությունները։ Մի խոսքով, սինյոր և բարեկամս, ― շարունակեցի ես, ― ես որոշել եմ, որ սինյոր | + | ― Բայց ինչպե՞ս եք ուզում դուք, որ ինձ չվարանեցնի ժողովուրդ կոչվող հին օրենսգրի դատավճիռը, երբ նա տեսնի, որ այնքա՜ն տարիներ մոռացման անդորրի մեջ քնելուց հետո հանկարծ նորից հանդես եմ գալիս տարիքիս բեռան տակ կքած, և նրան մատուցում եմ մի երկ փետրախոտի պես չոր, երևակայությամբ աղքատ, ոճից զուրկ, սակավամիտ, հեռու ամենայն գիտությունից ու հմտությունից, առանց լուսանցագրությունների և գրքի վերջում առանց ծանոթագրությունների, երբ ես գիտեմ, որ հիմա բոլոր գրքերը, նույնիսկ պատմողական և աշխարհիկ, լեփ֊լեցուն են Արիստոտելի, Պլատոնի և փիլիսոփաների ողջ ոհմակի ասույթներով, որի շնորհիվ հիացած ընթերցողները այդ գրքերի հեղինակներին համարում են կարդացած, կրթված և պերճախոս մարդիկ։ Այդ դեռ քիչ է, նրանք մեջբերումներ են անում նաև սուրբ Գրքի՜ց։ Իրավ, նրանց կարելի է սուրբ Թովմասի կամ եկեղեցու մյուս ուսուցիչների տեղը դնել, և ընդմին նրանք այնպես նրբորեն են պահպանում պատշաճավորությունը, որ մի էջի վրա պատկերելով որևէ անառակ սիրեկանի, մյուս էջի վրա անմիջապես հրամցնում են ձեզ քրիստոնեական մի խրատ, որը լսելն ու կարդալը մի սփոփանք և ուրախություն է։ Այդ ամենը չկան իմ գրքում, որովհետև ոչինչ չկա լուսանցագրելու, ոչինչ չկա վերջում՝ ծանոթագրություններում զետեղելու, և ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որ հեղինակներին եմ հետևել իմ պատմվածքի մեջ, այնպես որ ի վիճակի չեմ գրքիս սկզբում, ըստ ընդունված սովորության, բերել անվանացուցակ այբբենական կարգով, սկսած Արիստոտելից և վերջացրած Քսենոֆոնտով, Զոիլով և Զևքսիսով,<ref>Զոիլ ― հունական գրող մ․թ․ա․ IV-III դարերում․ իր սուր քննադատության պատճառով կոչվել է «Հոմերոսի պատուհաս» և «ճարտասանության շուն»։ Զևքսիս ― հունական նկարիչ V-IV մ․թ․ա․։ Մահվանից հետո Զևքսիսը ոչ մի աշխատանք չի թողել, այդ պատճառով էլ պարզ չէ, թե Սերվանտեսը սխալմա՞մբ է նրան դասում «հեղինակությունների» շարքում, թե՞ կատակով։</ref> առանց ուշադրություն դարձնելու այն բանին, որ նրանցից մեկը չարախոս շաղակրատի մեկն է, իսկ մյուսը՝ նկարիչ։ Նմանապես իմ գրքի սկզբում չեն լինի սոնետներ, համենայն դեպս սոնետներ՝ գրված հերցոգների, մարկիզների, կոմսերի, եպիսկոպոսների, տիկնանց կամ ամենանշանավոր պոետների կողմից։ Ճիշտ է, եթե ես խնդրեի իմ երկու֊երեք արհեստավոր֊բարեկամներիս, նրանք իհարկե կգրեին սոնետներ և ընդ որում այնպիսիները, որ նրանց հետ չէին մրցի Իսպանիայի ամենաանվանի պոետների բանաստեղծությունները։ Մի խոսքով, սինյոր և բարեկամս, ― շարունակեցի ես, ― ես որոշել եմ, որ սինյոր դոն Կիխոտը թաղված մնա լամանչյան արխիվներում այնքան ժամանակ, մինչև երկինքը չուղարկի այն հեղինակին, որը կլրացնի նրան պակասող բոլոր պաճուճանքը, իսկ ես տաղանդի նվազության և կրթության պակասության պատճառով ինձ անընդունակ եմ համարում այդ բանն անելու․ բացի այդ, ես բնությունից անբան և ծույլ մարդ եմ և հակամետ չեմ հեղինակներ որոնել ու խնդրել նրանց, որ ասեն այն, ինչ որ ինքս հրաշալիորեն կարող եմ ասել առանց նրանց օգնության էլ։ Ահա թե ինչու դուք ինձ գտաք վարանման և խորը մտածմունքի մեջ․ այն ամենը, ինչ որ ձեզ հենց նոր պատմեցի, բավարար պատճառ են դրա համար։ |
Ունկնդրելով ինձ, բարեկամս ձեռքը խփեց իր ճակատին և, բարձրաձայն ծիծաղելով, ասաց․ | Ունկնդրելով ինձ, բարեկամս ձեռքը խփեց իր ճակատին և, բարձրաձայն ծիծաղելով, ասաց․ | ||
− | ― Աստվա՛ծ վկա, եղբայր, նոր միայն ցրվեց այն մոլորությունը, որի մեջ գտնվում էի մեր երկարատև ծանոթության ընթացքում։ Ես միշտ ձեր բոլոր արարքներում համարում էի ձեզ խելոք ու | + | ― Աստվա՛ծ վկա, եղբայր, նոր միայն ցրվեց այն մոլորությունը, որի մեջ գտնվում էի մեր երկարատև ծանոթության ընթացքում։ Ես միշտ ձեր բոլոր արարքներում համարում էի ձեզ խելոք ու խոհական մարդ։ Բայց այժմ տեսնում եմ, որ դրանից հեռու եք, ինչպես երկինքը երկրից։ Հնարավո՞ր է միթե, որ այդքան աննշան և հեշտ ուղղելի հանգամանքները ի վիճակի լինեին վարանեցնել և փակուղու առաջ դնել ձեր հասուն միտքը, որն ընդունակ է պարտել և հաղթահարել որքա՜ն ավելի մեծ դժվարություններ։ Ազնի՛վ խոսք, դրա պատճառը ոչ թե կարողության պակասությունն է, այլ ծուլության ու մտքի ալարկոտության ավելցուկը։ Ուզո՞ւմ եք, ձեզ ապացուցեմ, որ ճշմարիտ եմ ասում։ Այդ դեպքում լսեք ինձ ուշադիր և կտեսնեք, որ մեկ ակնթարթում ես կոչնչացնեմ ձեր բոլոր դժվարությունները և կավելացնեմ բոլոր խոչընդոտները, որոնք, իսկապես դուք պնդում եք, վարանեցնում են ձեզ և զրկում համարձակությունից՝ լույս ընծայելու ձեր հռչակավոր դոն Կիխոտի՝ ողջ թափառական ասպետության այդ ջահի և հայելու պատմությունը։ |
― Դե պատմեցեք, ― պատասխանեցի ես, լսելով նրա խոսքերը, ― ի՞նչ ձևով եք պատրաստվում լցնել իմ սարսափի անդունդը և պարզել վարանումիս քաոսը։ | ― Դե պատմեցեք, ― պատասխանեցի ես, լսելով նրա խոսքերը, ― ի՞նչ ձևով եք պատրաստվում լցնել իմ սարսափի անդունդը և պարզել վարանումիս քաոսը։ | ||
Տող 35. | Տող 37. | ||
Դրան ի պատասխան, նա արտասանեց․ | Դրան ի պատասխան, նա արտասանեց․ | ||
− | ― Ամենից առաջ ձեզ կանգնեցնում է այն, որ ձեր գրքի սկզբի համար պակասում են բարձրաստիճան և տիտղոսավոր անձանց կողմից գրված սոնետներ, էպիզոդներ և ներբողական խոսքե՞ր։ Այդ չարիքին դուք հեշտությամբ կարող եք օգնել, հանձն առնելով դրանք անձամբ գրելու դժվարությունը, իսկ հետո կմկրտեք դրանք և կպարգևեք ինչպիսի անուններ ուզենաք, վերագրելով դրանք թեկուզ Հովաննես Հնդկացի երեցին,<ref>Հովհաննես երեց ― Հնդկաստանի մարզերից մեկի քրիստոնեական հեքիաթային իշխան, որի մասին եղած առասպելը մեծ ժողովրդականություն է վայելել միջին դարերում։</ref> կամ Տրապիզոնի կայսեր, որոնց մասին ես գիտեմ, պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ նրանք եղել են նշանավոր բանաստեղծներ․ իսկ եթե նրանք բանաստեղծներ չեն եղել և կգտնվի որևէ պեդանտ կամ բակալավր, որ կսկսի խոցել ձեզ ետևից ու ֆշշացնել, որ դա ճիշտ չէ, ապա այդ բոլորին մի կոտրած գրոշ էլ միք տա, | + | ― Ամենից առաջ ձեզ կանգնեցնում է այն, որ ձեր գրքի սկզբի համար պակասում են բարձրաստիճան և տիտղոսավոր անձանց կողմից գրված սոնետներ, էպիզոդներ և ներբողական խոսքե՞ր։ Այդ չարիքին դուք հեշտությամբ կարող եք օգնել, հանձն առնելով դրանք անձամբ գրելու դժվարությունը, իսկ հետո կմկրտեք դրանք և կպարգևեք ինչպիսի անուններ ուզենաք, վերագրելով դրանք թեկուզ Հովաննես Հնդկացի երեցին,<ref>Հովհաննես երեց ― Հնդկաստանի մարզերից մեկի քրիստոնեական հեքիաթային իշխան, որի մասին եղած առասպելը մեծ ժողովրդականություն է վայելել միջին դարերում։</ref> կամ Տրապիզոնի կայսեր, որոնց մասին ես գիտեմ, պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ նրանք եղել են նշանավոր բանաստեղծներ․ իսկ եթե նրանք բանաստեղծներ չեն եղել և կգտնվի որևէ պեդանտ կամ բակալավր, որ կսկսի խոցել ձեզ ետևից ու ֆշշացնել, որ դա ճիշտ չէ, ապա այդ բոլորին մի կոտրած գրոշ էլ միք տա, չէ՞ որ եթե նույնիսկ ձեզ բռնեն էլ ստախոսության մեջ, միևնույն է, չեն կտրի այն ձեռքը, որ գրել է դա։ |
Ինչ վերաբերում է լուսանցքներում գրքերից ու հեղինակներից կատարած մեջբերումներին, որոնցից փոխ եք առել խրատներն ու ասացվածները ձեր պատմվածքի համար, ապա ահա թե ինչ արեք․ հարմար տեղերում դրեք որևէ խրատ կամ առած, որոնք անգիր գիտեք, կամ գոնե առանց մեծ դժվարության կարող եք որոնել֊գտնել․ այսպես օրինակ, խոսելով ազատության և ստրկության մասին, մեջ բերեք․ | Ինչ վերաբերում է լուսանցքներում գրքերից ու հեղինակներից կատարած մեջբերումներին, որոնցից փոխ եք առել խրատներն ու ասացվածները ձեր պատմվածքի համար, ապա ահա թե ինչ արեք․ հարմար տեղերում դրեք որևէ խրատ կամ առած, որոնք անգիր գիտեք, կամ գոնե առանց մեծ դժվարության կարող եք որոնել֊գտնել․ այսպես օրինակ, խոսելով ազատության և ստրկության մասին, մեջ բերեք․ | ||
Տող 43. | Տող 45. | ||
Pollida mors aequo pulsat pede pauperum tabernas, | Pollida mors aequo pulsat pede pauperum tabernas, | ||
− | Regumque turres.<ref>Դժգույն մահը միատեսակ է ծեծում ինչպես աղքատների խրճիթների, այնպես և արքաների պալատների դուռը։ ― Հորացիոս,Carm, գիրք I,ներբող | + | Regumque turres.<ref>Դժգույն մահը միատեսակ է ծեծում ինչպես աղքատների խրճիթների, այնպես և արքաների պալատների դուռը։ ― Հորացիոս, Carm, գիրք I, ներբող 4֊րդ։</ref> |
− | Եթե խոսք բացվի այն մասին, թե տերը մեզ հրամայել է սեր և բարեկամություն տածել դեպի մեր թշնամիները, անմիջապես ձեռք զարկեք Աստվածաշնչին, և այստեղ դուք կարող եք ոչ առանց փայլի մեջ բերել ոչ ավել, ոչ պակաս, քան հենց իր՝ տեր Աստծո խոսքերը․ Ego autem dico vobis: diligite inimicos vestros.<ref>Իսկ ես ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին։ ― Մատթ․ Ե, | + | Եթե խոսք բացվի այն մասին, թե տերը մեզ հրամայել է սեր և բարեկամություն տածել դեպի մեր թշնամիները, անմիջապես ձեռք զարկեք Աստվածաշնչին, և այստեղ դուք կարող եք ոչ առանց փայլի մեջ բերել ոչ ավել, ոչ պակաս, քան հենց իր՝ տեր Աստծո խոսքերը․ Ego autem dico vobis: diligite inimicos vestros.<ref>Իսկ ես ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին։ ― Մատթ․ Ե, 44։</ref> Եթե խոսելու լինեք վատ խորհրդածությունների մասին, մտաբերեք ավետարանը․ De corde exeunt cogitationes malae.<ref>Սրտից են բխում չար խորհուրդները։</ref> Եթե բարեկամների անհավատարմության մասին՝ ձեր ձեռքի տակ է Կատոնն իր երկտողով․ |
Donec eris felix, multos numerabis amicos, | Donec eris felix, multos numerabis amicos, | ||
− | Tempora si fuerint nubila, solus eris.<ref>Քանի դեռ երջանիկ ես, շատ բարեկամներ ունես, բայց երբ գան ձախորդ օրեր, դու միայնակ կլինես ― երկտողանի ոտանավոր ոչ թե կեղծ Կատոնից, այլ Օվիդիոսից,Tristia,գիրք I, էլեգիա VIII։</ref> | + | Tempora si fuerint nubila, solus eris.<ref>Քանի դեռ երջանիկ ես, շատ բարեկամներ ունես, բայց երբ գան ձախորդ օրեր, դու միայնակ կլինես ― երկտողանի ոտանավոր ոչ թե կեղծ Կատոնից, այլ Օվիդիոսից, Tristia, գիրք I, էլեգիա VIII։</ref> |
Շնորհիվ այսպիսի և նման մեջբերումների դուք մեծ լատինագետի անուն կվաստակեք, իսկ մեր օրերում այդ կոչումը և՛ պատվավոր է, և՛ չափազանց շահավետ։ | Շնորհիվ այսպիսի և նման մեջբերումների դուք մեծ լատինագետի անուն կվաստակեք, իսկ մեր օրերում այդ կոչումը և՛ պատվավոր է, և՛ չափազանց շահավետ։ | ||
− | Ինչ վերաբերում է գրքի վերջում զետեղվելիք ծանոթագրություններին, ապա ամենայն հանգստությամբ կարող եք այսպես անել․ եթե ձեր պատմվածքի մեջ խոսվում է որևէ հսկայի մասին, ապա նրան Գողիաթ անվանեցեք, ― դա ձեզ ոչինչ չի արժենա, իսկ | + | Ինչ վերաբերում է գրքի վերջում զետեղվելիք ծանոթագրություններին, ապա ամենայն հանգստությամբ կարող եք այսպես անել․ եթե ձեր պատմվածքի մեջ խոսվում է որևէ հսկայի մասին, ապա նրան Գողիաթ անվանեցեք, ― դա ձեզ ոչինչ չի արժենա, իսկ մինչդեռ ձեզ համար արդեն պատրաստ է հետևյալ կարգի մի ծանրակշիռ ծանոթագրություն․ Հսկա Գողիասը կամ Գողիաթը փղշտացի էր, որին հովիվ Դավիթը խոցեց պարսատիկից արձակած քարով Թերեբինյան հովտում, ինչպես այդ մասին պատմվում է Թագավորությանց Գրքում (և նշեք գլուխը, գտնելով այն)։ |
− | Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի<ref>Գործող անձ հնադարյան դիցաբանությունից, | + | Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի<ref>Գործող անձ հնադարյան դիցաբանությունից, Հերակlեսի եզների հափշտակողը։</ref> պատմությունը, որն անգիր գիտեմ, եթե անառակ կանանց՝ եպիսկոպոս Մոնդոնյեդցին<ref>Անտոնիո դե Գևարա ― Մոնդոնյեդի եպիսկոպոս, Կառլոս V֊ի պատմագիրը, իր «Epistolas familiares» (հրատ․ 1603) գրվածքներում պատմում է հին ժամանակների կուրտիզանուհիների մասին։</ref> ձեզ կտրամադրի իր Լամիաներին, Լարիսաներին և Ֆլորաներին և նրան վկայակոչելը ձեզ կարժանացնի ընդհանուրի հարգանքին։ Եթե պատահի, որ խոսեք դաժան կանանց մասին՝ Օվիդիոսը ձեզ կառաջարկի իր Մեդեային․ եթե կախարդուհիների և վհկուհիների մասին՝ Հոմերոսը ձեզ կցուցի Կալիպսոյին, իսկ Վերգիլիոսը՝ Ցիրցեային․ եթե խիզախ զորավարների մասին՝ Հուլիոս Կեսարը ձեզ կառաջարկի ինքն իրեն իր Նոթերում, իսկ Պլուտարքոսը կտա ձեզ մի հզոր Ալեքսանդր։ Սիրո մասին խոսեք․ տոսկանական լեզվի հատիկաչափ գիտելիք ունենալով կգտնեք Լևոն Հրեային,<ref>Լեոն Էբրիո (գրող XV-XVI դարերում) ― իսպանական հրեա, որ վերաբնակվել է Իտալիայում։ Այն ժամանակներում մեծ ժողովրդականություն ստացած «Դիալոգներ սիրո մասին» գրվածքի (1535) հեղինակ։</ref> որը կդատարկի ձեզ համար մի լիքը չափ։ Իսկ եթե ձեզ հաճելի չէ շրջագայել օտար երկրներում, ապա ձեր տանն էլ կճարվի Ֆոնսեկայի երկը Աստվածային սիրո մասին,<ref>Ավգուստինյան աբեղա Քրիստոբալ Ֆոնսեկայի «Del amor de Dios» քննախոսությունը, որը հրատարակվել է 1594 թվականին։</ref> որում ամփոփված է այն ամենը, ինչ կարող է գրված լինել այդ մասին․ ո՛չ դուք, ո՛չ ամենանուրբ գիտակը չի ցանկանա ավելին։ Եվ այսպես, աշխատեցեք միայն ձեր պատմվածքի մեջ հիշատակել այդ անուններն ու շոշափել իմ թված երկերը, իսկ դիտողություններ և ծանոթագրություններ կազմելը ես վերցնում եմ ինձ վրա և երդվում եմ ձեզ, կլցնեմ ձեր գրքի բոլոր լուսանցքները և առնվազը չորս թերթ կգրեմ նրա վերջում։ |
Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z,<ref>Ըստ երևույթին դա բանավեճի մի ելույթ է, Լոպե դե Վեգայի դեմ, որն իր «El Isidro» պոեմին միացրել էր իր կողմից այդ աշխատության մեջ օգտագործված 277 հեղինակների ցանկը։</ref> ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։ | Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z,<ref>Ըստ երևույթին դա բանավեճի մի ելույթ է, Լոպե դե Վեգայի դեմ, որն իր «El Isidro» պոեմին միացրել էր իր կողմից այդ աշխատության մեջ օգտագործված 277 հեղինակների ցանկը։</ref> ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։ | ||
− | Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտյելի<ref>Մոնտյել ― մի վայր | + | Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտյելի<ref>Մոնտյել ― մի վայր Լամանչում։</ref> շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vօle:<ref>(լատիներեն) նշանակում է «ողջ եղիր», «մնաս բարով»։</ref> |
− | + | ||
<poem> | <poem> | ||
+ | |||
Դոն Կիխոտ Լամանչեցուն | Դոն Կիխոտ Լամանչեցուն | ||
Վերաբերվող գրքի մասին | Վերաբերվող գրքի մասին | ||
Տող 87. | Տող 89. | ||
Որի վրա արքայազներ, | Որի վրա արքայազներ, | ||
Հերցոգներ են փթթում, ծաղկում ― | Հերցոգներ են փթթում, ծաղկում ― | ||
− | Համազոր մեծն | + | Համազոր մեծն Ալեքսանդրին։ |
Կանգնի՛ր նրա ստվերի տակ | Կանգնի՛ր նրա ստվերի տակ | ||
Եղիր քաջանց հովանավոր։ | Եղիր քաջանց հովանավոր։ | ||
Տող 107. | Տող 109. | ||
Ներածության մեջ ով հեզ է՝ | Ներածության մեջ ով հեզ է՝ | ||
Մարդիկ նրան չեն ասի թե | Մարդիկ նրան չեն ասի թե | ||
− | «Ի՜նչ Ալվարո դե Լունա<ref>Կաստիլիացի կոնետաբլ (բանակի գլխավոր հրամանատար)։ Խուան II թագավորի սիրեցյալը, որը հետագայում թագավորի աչքից ընկել և մահապատժի է ենթարկվել | + | «Ի՜նչ Ալվարո դե Լունա<ref>Կաստիլիացի կոնետաբլ (բանակի գլխավոր հրամանատար)։ Խուան II թագավորի սիրեցյալը, որը հետագայում թագավորի աչքից ընկել և մահապատժի է ենթարկվել 1453 թվին։</ref> է, |
Ի՜նչ Հաննիբալ է գտնվել, | Ի՜նչ Հաննիբալ է գտնվել, | ||
Կամ ապաբախտ Ֆրանցիսկ արքա, | Կամ ապաբախտ Ֆրանցիսկ արքա, | ||
Տող 186. | Տող 188. | ||
Իմ դեմ ճերմակ անդուր ճաղատը դիպվածի։ | Իմ դեմ ճերմակ անդուր ճաղատը դիպվածի։ | ||
− | Բարձր էր բախտըս․ բարձր՝ լուսնի | + | Բարձր էր բախտըս․ բարձր՝ լուսնի եղջյուրը քանց, |
Բարձըր և իմ հաջողությունը նորանոր․ | Բարձըր և իմ հաջողությունը նորանոր․ | ||
Նախանձում եմ քեզ, դոն Կիխոտըդ դու հզոր։ | Նախանձում եմ քեզ, դոն Կիխոտըդ դու հզոր։ | ||
Տող 246. | Տող 248. | ||
Ես ճամփաներ անցա փոշոտ․ | Ես ճամփաներ անցա փոշոտ․ | ||
Որ տանն ապրեմ վայելքի մեջ։ | Որ տանն ապրեմ վայելքի մեջ։ | ||
− | Վիլյադյեգոն<ref>Հայտնի չէ,թե ով է եղել Վիլյալդյեգոն, որի նվան կապակցությամբ էլ առաջ է եկել «հագնել Վիլյալդյեգոյի կոշիկները» առածը՝ որ նշանակում է «ծլկել»։ Վիլյալդյեգոն մի անգամ էլ հիշվում է վեպի բուն տեքստի մեջ ( | + | Վիլյադյեգոն<ref>Հայտնի չէ, թե ով է եղել Վիլյալդյեգոն, որի նվան կապակցությամբ էլ առաջ է եկել «հագնել Վիլյալդյեգոյի կոշիկները» առածը՝ որ նշանակում է «ծլկել»։ Վիլյալդյեգոն մի անգամ էլ հիշվում է վեպի բուն տեքստի մեջ (հտ․ 1, գլուխ 21, էջ 203)։</ref> նույնը արեց․ |
Տեսավ խորհուրդն իմաստության | Տեսավ խորհուրդն իմաստության | ||
Թափառման մեջ բարեպատեհ, | Թափառման մեջ բարեպատեհ, | ||
Տող 268. | Տող 270. | ||
Խմում ծեղով գինին կույրի։<ref>Ակնարկվում է հռչակավոր «Լասարիլյոն Տորմեսի ափերից» (հրատ․ 1554) արկածախնդրական վեպի մի միջադեպը, երբ Լասարիլյոն, ծառայելով կույր մարդուն՝ որպես ուղեկցող, ծղոտաձողիկով նրա ձեռքի մեջ եղած գավաթից ծծում էր գինին։ Այստեղ այդ սխրագործությունը գրոտեսկային ձևով վերագրվում է Ռոսինանտին, որը որկրամոլության իմաստով որպես թե կարող է գերազանցել, հենց իրեն՝ Լասարիլյոյին։</ref> | Խմում ծեղով գինին կույրի։<ref>Ակնարկվում է հռչակավոր «Լասարիլյոն Տորմեսի ափերից» (հրատ․ 1554) արկածախնդրական վեպի մի միջադեպը, երբ Լասարիլյոն, ծառայելով կույր մարդուն՝ որպես ուղեկցող, ծղոտաձողիկով նրա ձեռքի մեջ եղած գավաթից ծծում էր գինին։ Այստեղ այդ սխրագործությունը գրոտեսկային ձևով վերագրվում է Ռոսինանտին, որը որկրամոլության իմաստով որպես թե կարող է գերազանցել, հենց իրեն՝ Լասարիլյոյին։</ref> | ||
− | Կատաղի Օռլանդը<ref>Կատաղի Օռլանդո ― «Դոն Կիխոտի» մեջ հաճախ հիշատակվող Լոդովիկո Արիստոյի «Orlando Furioso» պոեմի (1516, վերջնական | + | Կատաղի Օռլանդը<ref>Կատաղի Օռլանդո ― «Դոն Կիխոտի» մեջ հաճախ հիշատակվող Լոդովիկո Արիստոյի «Orlando Furioso» պոեմի (1516, վերջնական խմբագրությունը 1532֊ին) հերոսը։ Սիրահարված է եղել չքնաղ Անջելիկային, որի սիրուն էլ նա բազմաթիվ սխրագործություններ է կատարել։</ref> |
Դոն Կիխոտ Լամանչեսկուն | Դոն Կիխոտ Լամանչեսկուն | ||
Տող 274. | Տող 276. | ||
'''Սոնետ''' | '''Սոնետ''' | ||
− | |||
<poem> | <poem> | ||
+ | |||
Պեր չես թեև, անզուգական ես սակայն, | Պեր չես թեև, անզուգական ես սակայն, | ||
− | + | Հարյուր պերից լոկ դո՜ւ ես պերն արժանի, | |
Որտեղ դու ես, ուրիշն այնտեղ տեղ չունի, | Որտեղ դու ես, ուրիշն այնտեղ տեղ չունի, | ||
Անպարտ ես դու՝ հարվածիդ պես խոլական։ | Անպարտ ես դու՝ հարվածիդ պես խոլական։ | ||
Տող 376. | Տող 378. | ||
− | Լամանչի մի գյուղում, որի անունը չեմ ուզում հիշատակած լինել, շատ ժամանակ չի անցել, ինչ ապրում էր մի հիդալգո, այն հիդալգոներից, որ ունենում են տոհմական նիզակ, հնադարյան վահան, քնձռոտ ձի և վազկան շուն։ Ճաշին՝ օլյա,<ref>Իսպանական ազգային կերակուր՝ մի տեսակ տաք | + | Լամանչի մի գյուղում, որի անունը չեմ ուզում հիշատակած լինել, շատ ժամանակ չի անցել, ինչ ապրում էր մի հիդալգո, այն հիդալգոներից, որ ունենում են տոհմական նիզակ, հնադարյան վահան, քնձռոտ ձի և վազկան շուն։ Ճաշին՝ օլյա,<ref>Իսպանական ազգային կերակուր՝ մի տեսակ տաք վինեգրետ։</ref> որի մեջ շատ ավելի տավարի միս է լինում, քան ոչխարի, ընթրիքին՝ գրեթե միշտ վինեգրետ, շաբաթ օրերը՝ ճարպի հետ պատրաստած ձվածեղ, ուրբաթ օրերը՝ ոսպ, կիրակիները, որպես հավելյալ տեսակ՝ աղավնի, ― և այս ամենը կլանում էր նրա եկամուտի երեք քառորդը։ Մնացածը ծախսվում էր տոն օրերի համար լավ մահուդից կապա, թավշյա վարտիք և նույն կտորից հողաթափ ձեռք բերելու համար։ Շաբաթվա մնացյալ օրերին նա տնայնագործ նուրբ մահուդից զգեստ էր հագնում։ Նրա տանը տնտեսուհի էր կենում, որ քառասունն անց էր, քրոջ աղջիկը, որ քսանին մոտ էր և մի ծառա՝ առտնին ու դաշտային աշխատանքի համար, որի պաշտոնի մեջ մտնում էր՝ թամքել հալիծ ընկած ձին և պարտեզում մկրատ բանեցնել։ Մեր հիդալգոն մոտ հիսուն տարեկան կլիներ, ամուր կազմվածքով, վտիտ մարմնով և նիհար դեմքով՝ նա մոլի որսորդ էր և սիրում էր վաղ վեր կենալ։ Հավատացնում են, թե նրա մականունը Կիխադա կամ Կեսադա է եղել (այս խնդրում նրա մասին գրող հեղինակների միջև որոշ տարաձայնություն կա), սակայն ամենահավանական դատողությունների հիման վրա կարելի ենթադրել, որ նա կոչվելիս է եղել Կեխանա։ Ասենք, մեր վեպի համար դա մեծ նշանակություն չունի․ բավական է, որ մենք մեր պատմությունն անելիս մազաչափ չշեղվենք ճշմարտությունից։ |
Այն էլ պետք է ասել, որ վերոհիշյալ հիդալգոն իր բոլոր ազատ ժամերը (ասել է թե՝ գրեթե ողջ տարին) նվիրելիս էր լինում ասպետական վեպերի ընթերցանության և անձնատուր էր եղել այդ զբաղմունքին այնպիսի ճաշակով ու հաճույքով, որ գրեթե աչքաթող էր արել որսի գնալն ու տնտեսությունը կառավարելը։ Նրա հետաքրքրությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ նա մի քանի օրավար վարելահող էր վաճառել, որպեսզի ընթերցանության համար ասպետական գրքեր գնի, այնպես որ նա տանն ուներ բոլոր վեպերը, որ կարողացել էր գտնել։ Ամենից շատ նա հռչակավոր Ֆելիսիանո դե Սիլվայի հեղինակություններն էր հավանում, որովհետև հիանում էր նրա արձակի փայլից, իսկ նրա խրթին ու մթին դատողությունները մեր հիդալգոյին կատարելություն էին թվում։ Առանձնապես սիրում էր նա կարդալ սիրային նամակներ և մենամարտության կանչելու մասին, որոնց մեջ հաճախ հետևյալ տեղերն էին լինում՝ «Իրավացիությունը, որով դուք այնքան անիրավացի եք իմ իրավունքների նկատմամբ, իմ իրավացիությունն այն աստիճան իրավազուրկ են դարձնում, որ ես ոչ առանց իրավունքի գանգատվում եմ ձեր գեղեցկությունից»։ Պատահել է նրան կարդալ ևս՝ «․․․բարձր երկնակամարը, որ իր աստղերով աստվածայնաբար ամրացնում է ձեր աստվածանմանությունը և արժանացնում է ձեզ արժանիքի, որ արժանի է ձեր մեծությանը․․․»։ Կարդալով այսպիսի նախադասություններ և ճգնելով բաց անել ու հասկանալ նրանց իմաստը՝ մեր խեղճ կաբալյերոն բոլորովին կորցնում էր բանականությունը և անքուն գիշերներ էր անց կացնում, մինչդեռ եթե անգամ ինքը Արիստոտելը դիտմամբ դրա համար հարություն առնելու լիներ, նա էլ բան չէր բաց անի և բան չէր հասկանա։ Դյուրին չէր նրա համար հավատ ընծայել, որ դոն Բելյանիսը բյուրավոր վերքեր է հասցրել ու առել, որովհետև նրան թվում էր, թե ինչքան էլ նրան բուժող բժիշկները ճարտար լինեին, դարձյալ այդ ասպետի դեմքն էլ, մարմինն էլ պետք է ծածկված լինեին սպիներով։ Այնուհանդերձ նա մեծապես գովաբանում էր հեղինակին նրա համար, որ նա գիրքը ավարտում է խոստումով շարունակելու այն անվերջ պատմությունը և հաճախ նրա մեջ ցանկություն էր ծագում վերցնելու գրիչն ու ավարտելու մինչև վերջին բառը, ինչպես խոստացված էր և նա, անշուշտ, կաներ էլ, հաջողությամբ էլ կաներ, եթե նրան չխանգարեին ուրիշ, առավել կարևոր և համառ մտահղացումներ։ Հաճախակի մեր կաբալյերոն վեճ էր ունենում տեղական քահանայի հետ (ուսումնական մի մարդու հետ, որ Սիգուենցայում արժանացել էր աստիճանի)<ref>Սիգուենցայի համալսարանը (հիմնվել է 1472 թվին) Սերվանտեսի ժամանակ ամենից հետ ընկած համալասարաններից մեկն էր։</ref> այն մասին, թե ո՞վ է եղել ավելի լավ ասպետ՝ Պալմերին Անգլիացի՞ն, թե Ամադիս Գաղղիացին, սակայն գյուղի դալլաքը՝ վարպետ Նիկոլասը, պնդում էր, որ նրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել ասպետ Ֆեբոսի հետ և թե մեկն ու մեկին կարելի լիներ նրա կողքին դնել, ապա սոսկ դոն Գալաորին, Ամադիս Գաղղիացու եղբորը, որովհետև նա կարող էր ամեն ինչ տանել և այնքան էլ փափկասուն ու լալկան չէր, ինչպես իր եղբայրը, իսկ քաջությամբ նրանից պակաս չէր։ | Այն էլ պետք է ասել, որ վերոհիշյալ հիդալգոն իր բոլոր ազատ ժամերը (ասել է թե՝ գրեթե ողջ տարին) նվիրելիս էր լինում ասպետական վեպերի ընթերցանության և անձնատուր էր եղել այդ զբաղմունքին այնպիսի ճաշակով ու հաճույքով, որ գրեթե աչքաթող էր արել որսի գնալն ու տնտեսությունը կառավարելը։ Նրա հետաքրքրությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ նա մի քանի օրավար վարելահող էր վաճառել, որպեսզի ընթերցանության համար ասպետական գրքեր գնի, այնպես որ նա տանն ուներ բոլոր վեպերը, որ կարողացել էր գտնել։ Ամենից շատ նա հռչակավոր Ֆելիսիանո դե Սիլվայի հեղինակություններն էր հավանում, որովհետև հիանում էր նրա արձակի փայլից, իսկ նրա խրթին ու մթին դատողությունները մեր հիդալգոյին կատարելություն էին թվում։ Առանձնապես սիրում էր նա կարդալ սիրային նամակներ և մենամարտության կանչելու մասին, որոնց մեջ հաճախ հետևյալ տեղերն էին լինում՝ «Իրավացիությունը, որով դուք այնքան անիրավացի եք իմ իրավունքների նկատմամբ, իմ իրավացիությունն այն աստիճան իրավազուրկ են դարձնում, որ ես ոչ առանց իրավունքի գանգատվում եմ ձեր գեղեցկությունից»։ Պատահել է նրան կարդալ ևս՝ «․․․բարձր երկնակամարը, որ իր աստղերով աստվածայնաբար ամրացնում է ձեր աստվածանմանությունը և արժանացնում է ձեզ արժանիքի, որ արժանի է ձեր մեծությանը․․․»։ Կարդալով այսպիսի նախադասություններ և ճգնելով բաց անել ու հասկանալ նրանց իմաստը՝ մեր խեղճ կաբալյերոն բոլորովին կորցնում էր բանականությունը և անքուն գիշերներ էր անց կացնում, մինչդեռ եթե անգամ ինքը Արիստոտելը դիտմամբ դրա համար հարություն առնելու լիներ, նա էլ բան չէր բաց անի և բան չէր հասկանա։ Դյուրին չէր նրա համար հավատ ընծայել, որ դոն Բելյանիսը բյուրավոր վերքեր է հասցրել ու առել, որովհետև նրան թվում էր, թե ինչքան էլ նրան բուժող բժիշկները ճարտար լինեին, դարձյալ այդ ասպետի դեմքն էլ, մարմինն էլ պետք է ծածկված լինեին սպիներով։ Այնուհանդերձ նա մեծապես գովաբանում էր հեղինակին նրա համար, որ նա գիրքը ավարտում է խոստումով շարունակելու այն անվերջ պատմությունը և հաճախ նրա մեջ ցանկություն էր ծագում վերցնելու գրիչն ու ավարտելու մինչև վերջին բառը, ինչպես խոստացված էր և նա, անշուշտ, կաներ էլ, հաջողությամբ էլ կաներ, եթե նրան չխանգարեին ուրիշ, առավել կարևոր և համառ մտահղացումներ։ Հաճախակի մեր կաբալյերոն վեճ էր ունենում տեղական քահանայի հետ (ուսումնական մի մարդու հետ, որ Սիգուենցայում արժանացել էր աստիճանի)<ref>Սիգուենցայի համալսարանը (հիմնվել է 1472 թվին) Սերվանտեսի ժամանակ ամենից հետ ընկած համալասարաններից մեկն էր։</ref> այն մասին, թե ո՞վ է եղել ավելի լավ ասպետ՝ Պալմերին Անգլիացի՞ն, թե Ամադիս Գաղղիացին, սակայն գյուղի դալլաքը՝ վարպետ Նիկոլասը, պնդում էր, որ նրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել ասպետ Ֆեբոսի հետ և թե մեկն ու մեկին կարելի լիներ նրա կողքին դնել, ապա սոսկ դոն Գալաորին, Ամադիս Գաղղիացու եղբորը, որովհետև նա կարող էր ամեն ինչ տանել և այնքան էլ փափկասուն ու լալկան չէր, ինչպես իր եղբայրը, իսկ քաջությամբ նրանից պակաս չէր։ | ||
Տող 382. | Տող 384. | ||
Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։ Նա համաձայնում էր, որ Սիդ Ռուի Դիասը անտարակույս ականավոր ասպետ է եղել, բայց ավելացնում էր, որ նա ո՜ւր, բոցավառ թրի ասպետն ո՜ւր, որը մեկ հարվածով կտրեց֊կիսեց երկու հզոր, հրեշավոր հսկաների։ Նա ավելի էր գնահատում Բեռնարդ դե Կարպիոյին, որովհետև վերջինս Ռոնսևալի կիրճում սպանեց կախարդված Ռոլանդին՝ օգտվելով Հերկուլեսի խորամանկությունից, որ իր գրկում խեղդեց Երկրի որդուն՝ Անթեյին։ Մեծ գովասանքով էր խոսում նա հսկա Մորգանթի մասին, որը, թեպետ հսկաների ցեղից էր ― գոռոզ և հանդուգն էակներից ― այնուամենայնիվ իրեն սիրալիր և կիրթ պահեց։ Սակայն ոչ ոքի նա այնքան հավանություն չէր տալիս, որքան Ռեյլանդո Մոնտալբանացուն։ Նրան առանձնապես դուր էր գալիս, որ սա, դուրս գալով իր դղյակից, կողոպտում էր անցորդներին, որ նրա ձեռքն էին ընկնում, կամ անդրծովյան երկրից հափշտակում էր Մոհամմեդի բագինը, որ ըստ պատմության, զուտ ոսկուց է։ Իսկ դավաճան Գանելոնին մի լավ ծեծ կերցնելու իրավունքի համար նա սիրով կտար իր տնտեսուհուն, վրան էլ՝ քրոջ աղջկան։ Վերջապես միանգամայն ցնդելով, նա այնպիսի տարօրինակ միտք հղացավ, որ դեռևս երբեք աշխարհիս ոչ մի խելագարի գլխում չէր ծագել, այսինքն՝ թե վայել է, նույնիսկ անհրաժեշտ, որ նույնքան իր սեփական փառքի, որքան և հայրենի երկրի շահի համար թափառական ասպետ դառնա, սպառազինվի, ձի հեծնի և գնա աշխարհիս երեսին արկածներ որոնելու, մի խոսքով անելու այն ամենը, որ վեպերում սովորաբար անում են թափառական ասպետները՝ վերականգնի ոտնակոխ ճշմարտությունը, ենթարկվի զանազան պատահականությունների և վտանգների, որ այդպիսով անմահացնի ու փառաբանի իր անունը։ Խեղճը երևակայում էր, թե ի պարգև իր խիզախ գործերի, արդեն օծված է առնվազն Տրապիզոնի թագավորության թագով։ Այս ուրախ անուրջների մեջ սուզված և տարվելով անսովոր վայելքից, որ բերում էին այդ անուրջները, նա աճապարեց իր մտադրությունը գործադրության մեջ դնելու։ Նախ և առաջ նա մաքրեց զենք ու զրահը, որ պատկանելիս է եղել իր նախնիներին և դարերով ընկած լինելով ինչ֊որ անկյունում երեսն ի վայր, ժանգոտել ու բորբոսնել էր։ Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց և նորոգեց, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսկալի էր։ Սակայն այստեղ նրան օգնության հասավ հնարագիտությունը․ նա ստվարաթղթից երեսկալ շինեց ու կպցրեց և դուրս եկավ փակ սաղավարտի պես մի բան։ Չենք ծածկի, որ մեր հիդալգոն ցանկացավ փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է նա արդյոք դիմանալ մարտում․ այդ նպատակով նա դուրս քաշեց թուրը, երկու հարված հասցրեց և մեկ րոպեում առաջին իսկ հարվածով ոչնչացրեց ամբողջ շաբաթվա աշխատանքը։ Նրան դուր չեկավ, որ սաղավարտը հեշտությամբ կտոր֊կտոր եղավ և նման վտանգից իրեն ապահովելու համար նա նորից շինեց, մեջը երկաթե կտորներ դնելով, այնպես որ վերջ ի վերջո գոհ մնաց ամրությունից և ավելորդ համարելով այլևս փորձելը, հավանություն տվեց իր գործին և ինքն իրեն համոզեց, որ դա իսկական սաղավարտ է, նուրբ գործած, երեսկալով։ | Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։ Նա համաձայնում էր, որ Սիդ Ռուի Դիասը անտարակույս ականավոր ասպետ է եղել, բայց ավելացնում էր, որ նա ո՜ւր, բոցավառ թրի ասպետն ո՜ւր, որը մեկ հարվածով կտրեց֊կիսեց երկու հզոր, հրեշավոր հսկաների։ Նա ավելի էր գնահատում Բեռնարդ դե Կարպիոյին, որովհետև վերջինս Ռոնսևալի կիրճում սպանեց կախարդված Ռոլանդին՝ օգտվելով Հերկուլեսի խորամանկությունից, որ իր գրկում խեղդեց Երկրի որդուն՝ Անթեյին։ Մեծ գովասանքով էր խոսում նա հսկա Մորգանթի մասին, որը, թեպետ հսկաների ցեղից էր ― գոռոզ և հանդուգն էակներից ― այնուամենայնիվ իրեն սիրալիր և կիրթ պահեց։ Սակայն ոչ ոքի նա այնքան հավանություն չէր տալիս, որքան Ռեյլանդո Մոնտալբանացուն։ Նրան առանձնապես դուր էր գալիս, որ սա, դուրս գալով իր դղյակից, կողոպտում էր անցորդներին, որ նրա ձեռքն էին ընկնում, կամ անդրծովյան երկրից հափշտակում էր Մոհամմեդի բագինը, որ ըստ պատմության, զուտ ոսկուց է։ Իսկ դավաճան Գանելոնին մի լավ ծեծ կերցնելու իրավունքի համար նա սիրով կտար իր տնտեսուհուն, վրան էլ՝ քրոջ աղջկան։ Վերջապես միանգամայն ցնդելով, նա այնպիսի տարօրինակ միտք հղացավ, որ դեռևս երբեք աշխարհիս ոչ մի խելագարի գլխում չէր ծագել, այսինքն՝ թե վայել է, նույնիսկ անհրաժեշտ, որ նույնքան իր սեփական փառքի, որքան և հայրենի երկրի շահի համար թափառական ասպետ դառնա, սպառազինվի, ձի հեծնի և գնա աշխարհիս երեսին արկածներ որոնելու, մի խոսքով անելու այն ամենը, որ վեպերում սովորաբար անում են թափառական ասպետները՝ վերականգնի ոտնակոխ ճշմարտությունը, ենթարկվի զանազան պատահականությունների և վտանգների, որ այդպիսով անմահացնի ու փառաբանի իր անունը։ Խեղճը երևակայում էր, թե ի պարգև իր խիզախ գործերի, արդեն օծված է առնվազն Տրապիզոնի թագավորության թագով։ Այս ուրախ անուրջների մեջ սուզված և տարվելով անսովոր վայելքից, որ բերում էին այդ անուրջները, նա աճապարեց իր մտադրությունը գործադրության մեջ դնելու։ Նախ և առաջ նա մաքրեց զենք ու զրահը, որ պատկանելիս է եղել իր նախնիներին և դարերով ընկած լինելով ինչ֊որ անկյունում երեսն ի վայր, ժանգոտել ու բորբոսնել էր։ Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց և նորոգեց, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսկալի էր։ Սակայն այստեղ նրան օգնության հասավ հնարագիտությունը․ նա ստվարաթղթից երեսկալ շինեց ու կպցրեց և դուրս եկավ փակ սաղավարտի պես մի բան։ Չենք ծածկի, որ մեր հիդալգոն ցանկացավ փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է նա արդյոք դիմանալ մարտում․ այդ նպատակով նա դուրս քաշեց թուրը, երկու հարված հասցրեց և մեկ րոպեում առաջին իսկ հարվածով ոչնչացրեց ամբողջ շաբաթվա աշխատանքը։ Նրան դուր չեկավ, որ սաղավարտը հեշտությամբ կտոր֊կտոր եղավ և նման վտանգից իրեն ապահովելու համար նա նորից շինեց, մեջը երկաթե կտորներ դնելով, այնպես որ վերջ ի վերջո գոհ մնաց ամրությունից և ավելորդ համարելով այլևս փորձելը, հավանություն տվեց իր գործին և ինքն իրեն համոզեց, որ դա իսկական սաղավարտ է, նուրբ գործած, երեսկալով։ | ||
− | Ապա նա քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, և թեև նա ավելի հիվանդություն ուներ, քան ռեալը՝ կուարտո<ref>Ռեալ ― մանր դրամ, պարունակում էր 4 իսկ հետագայում 8 կուարտո։</ref> և ավելի արատ, քան Գոնելլի<ref>Գոնելլս ― հերցոգ Բորսո Ֆերրարացու ( | + | Ապա նա քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, և թեև նա ավելի հիվանդություն ուներ, քան ռեալը՝ կուարտո<ref>Ռեալ ― մանր դրամ, պարունակում էր 4 իսկ հետագայում 8 կուարտո։</ref> և ավելի արատ, քան Գոնելլի<ref>Գոնելլս ― հերցոգ Բորսո Ֆերրարացու (XV դար) հռչակավոր ծաղրածուն․ բազմաթիվ մասսայականացած անեկդոտների հերոս, որոնք հետագայում ժողովվել են «Buffoneri del Connela» գրքում (Վենետիկ, 1568 թ․)։</ref> ձին, որ tantum pellis et ossa fuit,<ref>Սոսկ կաշին և ոսկորները։</ref> այնուհանդերձ նա համոզված էր, որ իր ձիուն ոչ Ալեքսանդրի Բուցեֆալոն կհասնի, ոչ էլ Սիդի Բաբյեկան։ Չորս օր նա մտմտում էր, թե ինչ անուն տա նրան, որովհետև խորհում էր նա ինքն իրեն, անարդարացի կլինի, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի ― երևելի անուն չունենա։ Ուստի նա կամեցավ նրան այնպիսի անուն տալ, որ հենց անունից հասկացվեր, թե ինչ է եղել նա նախքան թափառական ասպետի ձին դառնալը և ինչ է դառել ապա։ Նա խորապես համոզված էր, որ եթե տերը փոխում է իր արհեստը, ուրեմն ձին էլ պիտի փոխի իր անունը և նոր, փառավոր, հնչալուր անուն ստանա, որ համապատասպանի իր տիրոջ նոր աստիճանին ու դիրքին։ Երկար նա զանազան անուններ էր հնարում, խոտանում, դեն գցում, դարձյալ հնարում, մերժում և նորից լարում էր հիշողությունն ու երևակայությունը, մինչև որ կանգ առավ Ռոսինանտ անվան վրա, որ նրան թվաց վեհ, հնչեղ և արտահայտիչ։ Այդ անունը ցույց էր տալիս, որ առաջ նրա ձին հասարակ քնձռոտ մի ձի է եղել, իսկ հիմա աշխարհիս առաջին ձին է դառել և բոլորի առաջը տվել է։<ref>Չթարգմանվող բառախաղ․ Rosinantes բառը դոն Կիխոտը բաժանում է երկու բառերի՝ rocin ― յաբու և antes ― առաջ կամ առջևից։</ref> |
Ձիուն այսքան հաջող անուն տալուց հետո նա վճռեց, որ հիմա պետք է իրեն համար անուն հորինի։ Այս մտմտուքի մեջ մի շաբաթ անց կացավ, սակայն վերջապես նա գտավ՝ դոն Կիխոտ։ Ահա թե ինչու այս ճշմարտապատում պատմության հեղինակները, ինչպես արդեն ասված էր, համարում են, որ մեր հիդալգոյի անունը, անտարակույս, Կիխադա և ոչ թե Կիսադա է եղել, ինչպես պնդում են ոմանք։ Սակայն մտաբերելով, որ արի Ամադիսը իրեն համար բավական չհամարեց պարզապես Ամադիս կոչվելը, այլ այդ անվանը կցեց իր հայրենիքի և թագավորության անունը, որպեսզի նրանց փառաբանած լինի և կոչվեց Ամադիս Գաղղիացի, մեր բարի կաբալյերոն էլ որոշեց իր անվանը կցել իր ծննդավայրի անունը և կոչվել դոն Կիխոտ Լամանչեցի։ Այսպիսով ամենքի համար պարզ էր դառնում, թե նա ինչ ազգուտակից է, որով պատիվ էր անում իր հայրենիքին, նրա անունը ― իր մականունը դարձնելով։ | Ձիուն այսքան հաջող անուն տալուց հետո նա վճռեց, որ հիմա պետք է իրեն համար անուն հորինի։ Այս մտմտուքի մեջ մի շաբաթ անց կացավ, սակայն վերջապես նա գտավ՝ դոն Կիխոտ։ Ահա թե ինչու այս ճշմարտապատում պատմության հեղինակները, ինչպես արդեն ասված էր, համարում են, որ մեր հիդալգոյի անունը, անտարակույս, Կիխադա և ոչ թե Կիսադա է եղել, ինչպես պնդում են ոմանք։ Սակայն մտաբերելով, որ արի Ամադիսը իրեն համար բավական չհամարեց պարզապես Ամադիս կոչվելը, այլ այդ անվանը կցեց իր հայրենիքի և թագավորության անունը, որպեսզի նրանց փառաբանած լինի և կոչվեց Ամադիս Գաղղիացի, մեր բարի կաբալյերոն էլ որոշեց իր անվանը կցել իր ծննդավայրի անունը և կոչվել դոն Կիխոտ Լամանչեցի։ Այսպիսով ամենքի համար պարզ էր դառնում, թե նա ինչ ազգուտակից է, որով պատիվ էր անում իր հայրենիքին, նրա անունը ― իր մականունը դարձնելով։ | ||
Տող 397. | Տող 399. | ||
Համրաքայլ առաջ էր ընթանում մեր նորաթուխ արկածախնդիրը և ինքն իր հետ խոսում․ | Համրաքայլ առաջ էր ընթանում մեր նորաթուխ արկածախնդիրը և ինքն իր հետ խոսում․ | ||
− | ― Ո՞վ կարող է կասկածել, որ հեռավոր ապագայում, երբ իմ հռչակավոր գործերի ճշմարտապատում պատմությունը լույս տեսնի, իմ իմաստուն պատմաբանը, հասցնելով զրույցը մինչև իմ առաջին արշավը, որ այնքան վաղ ժամին տեղի ունեցավ, անշուշտ այսպես կսկսի՝ «Հազիվ էր խարտյաշ Թեբը լայն ու արձակ երկրի երեսին սփռել իր փարթամ գանգուրների ոսկի թևերը, հազիվ էին երփներանգ թռչնիկները իրենց հնչալուր ձայների անուշ և քնքուշ ներդաշնակությամբ ողջունել շառագույն Ավրորայի երևան գալը, որ թողել էր իր խանդոտ ամուսնու փափուկ առագաստը և Լամանչի երկնակամարի դարպասների և պատշգամբների բարձրունքից հայացք գցել մահկանացուների վրա, որ հռչակավոր ասպետ դոն Կիխոտ Լամանչեցին, լքելով ընդարմացուցիչ մահիճը, թռավ իր երևելի ձի Ռոսինանտի վրա և բռնեց հնադարյան ու հռչակավոր Մոնտիելի դաշտի ուղին» (հենց այդ ճանապարհով էլ նա, իրոք, այդ վայրկյանին գնում էր) | + | ― Ո՞վ կարող է կասկածել, որ հեռավոր ապագայում, երբ իմ հռչակավոր գործերի ճշմարտապատում պատմությունը լույս տեսնի, իմ իմաստուն պատմաբանը, հասցնելով զրույցը մինչև իմ առաջին արշավը, որ այնքան վաղ ժամին տեղի ունեցավ, անշուշտ այսպես կսկսի՝ «Հազիվ էր խարտյաշ Թեբը լայն ու արձակ երկրի երեսին սփռել իր փարթամ գանգուրների ոսկի թևերը, հազիվ էին երփներանգ թռչնիկները իրենց հնչալուր ձայների անուշ և քնքուշ ներդաշնակությամբ ողջունել շառագույն Ավրորայի երևան գալը, որ թողել էր իր խանդոտ ամուսնու փափուկ առագաստը և Լամանչի երկնակամարի դարպասների և պատշգամբների բարձրունքից հայացք գցել մահկանացուների վրա, որ հռչակավոր ասպետ դոն Կիխոտ Լամանչեցին, լքելով ընդարմացուցիչ մահիճը, թռավ իր երևելի ձի Ռոսինանտի վրա և բռնեց հնադարյան ու հռչակավոր Մոնտիելի դաշտի ուղին» (հենց այդ ճանապարհով էլ նա, իրոք, այդ վայրկյանին գնում էր)։ |
Ապա նա ավելացրեց․ | Ապա նա ավելացրեց․ | ||
Տող 417. | Տող 419. | ||
― Գեղուհիներին վայել է խելամիտ լինել և ընդհանրապես միայն հիմարներն են իզուր ծիծաղում։ Թող ասածս կշտամբանք և վիրավորանք չլինի, որովհետև իմ միակ ցանկությունն է ծառայել ձեզ։ | ― Գեղուհիներին վայել է խելամիտ լինել և ընդհանրապես միայն հիմարներն են իզուր ծիծաղում։ Թող ասածս կշտամբանք և վիրավորանք չլինի, որովհետև իմ միակ ցանկությունն է ծառայել ձեզ։ | ||
− | Այս լեզուն, որի նմանը երկու կանայք դեռևս չէին լսել, համ էլ մեր ասպետի խղճուկ արտաքինը կրկնապատկեցին նրանց ծիծաղն ու դոն Կիխոտի բարկությունը և անհայտ է, թե ինչով կվերջանար այս ամենը, եթե այդ վայրկյանին երևան չգար պանդոկապանը՝ մի շատ գեր և ուստի շատ խաղաղասեր մարդ։ Տեսնելով իր առջև այդ անճոռնի կերպարանքը, զինված այդքան պես֊պես առարկաներով,<ref>Գոյություն ուներ հեծյալ ասպետների երկու տեսակ | + | Այս լեզուն, որի նմանը երկու կանայք դեռևս չէին լսել, համ էլ մեր ասպետի խղճուկ արտաքինը կրկնապատկեցին նրանց ծիծաղն ու դոն Կիխոտի բարկությունը և անհայտ է, թե ինչով կվերջանար այս ամենը, եթե այդ վայրկյանին երևան չգար պանդոկապանը՝ մի շատ գեր և ուստի շատ խաղաղասեր մարդ։ Տեսնելով իր առջև այդ անճոռնի կերպարանքը, զինված այդքան պես֊պես առարկաներով,<ref>Գոյություն ուներ հեծյալ ասպետների երկու տեսակ հանդերձանք․ «թեթև հեծելասարք»՝ կարճ սանձափոկերով և ասպանդակներով, այնպես որ ձիավորի ոտքերը ծալված էին լինում, և «ծանր հեծելասարք» դանդանավանդի լայն այտիկներով ու երկար ասպանդակներով, որոնց մեջ ազատ ձգված էին լինում ձիավորի ոտքերը։ Դոն Կիխոտի խառն սպառազինությունը կոմիկական տպավորություն է թողնում բոլորի վրա։</ref> ինչպես՝ թեթև վահան, նիզակ, զրահ և ծանր սարքը, նա մեկ կամեցավ միանալ երկու աղջիկներին իր հիացման արտահայտությամբ, սակայն վախենալով ռազմական զենք ու զրահի այդ կույտից, նա վճռեց քաղաքավարի խոսել և այսպես սկսեց․ |
― Եթե ձերդ ողորմածությունը, սինյոր ասպետ, հաճի այստեղ իջևանել, դուք այստեղ ամեն բան առատորեն կգտնեք բացի մահճակալից․ մեր հյուրանոցում ոչ մի մահճակալ չկա։ | ― Եթե ձերդ ողորմածությունը, սինյոր ասպետ, հաճի այստեղ իջևանել, դուք այստեղ ամեն բան առատորեն կգտնեք բացի մահճակալից․ մեր հյուրանոցում ոչ մի մահճակալ չկա։ | ||
Տող 424. | Տող 426. | ||
― Ինչ էլ ինձ առաջարկելու լինեք, սինյոր ամրոցատեր,<ref>Բառախաղ է, բնագրում castellano նշանակում է և՛ «դղյակի տեր, դղյակի վերահսկիչ կաստելան», և՛ «կաստիլիացի»։</ref> ես ամեն բանից գոհ կմնամ, որովհետև ինչպես ասվում է՝ | ― Ինչ էլ ինձ առաջարկելու լինեք, սինյոր ամրոցատեր,<ref>Բառախաղ է, բնագրում castellano նշանակում է և՛ «դղյակի տեր, դղյակի վերահսկիչ կաստելան», և՛ «կաստիլիացի»։</ref> ես ամեն բանից գոհ կմնամ, որովհետև ինչպես ասվում է՝ | ||
− | |||
<poem> | <poem> | ||
+ | |||
Իմ զգեստը զենք ու զրահն է միայն, | Իմ զգեստը զենք ու զրահն է միայն, | ||
Իմ հանգիստը ճակատամարտն է դաժան։<ref>Հատված իսպանական հին ռոմանսից։</ref> | Իմ հանգիստը ճակատամարտն է դաժան։<ref>Հատված իսպանական հին ռոմանսից։</ref> | ||
Տող 437. | Տող 439. | ||
Մինչդեռ նրա զենքն ու զրահն էին հանում (իսկ ինքը երևակայում էր, թե այդ թրև եկող կանայք ազնվազարմ տիկիններ են, որ բնակվում են այս դղյակում), նա մեծ նրբությամբ արտասանում էր՝ | Մինչդեռ նրա զենքն ու զրահն էին հանում (իսկ ինքը երևակայում էր, թե այդ թրև եկող կանայք ազնվազարմ տիկիններ են, որ բնակվում են այս դղյակում), նա մեծ նրբությամբ արտասանում էր՝ | ||
− | |||
<poem> | <poem> | ||
+ | |||
Ոչ մի ասպետ իշխանազուն | Ոչ մի ասպետ իշխանազուն | ||
Չի տոչորել տիկիններին՝ | Չի տոչորել տիկիններին՝ | ||
Տող 471. | Տող 473. | ||
― Ես հավատացած էի, սինյոր, որ ըստ ձեր անսահման ազնվության դուք ինձ չեք մերժի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Արդ, ձեզնից խնդրածս շնորհը, որ դուք, ըստ ձեր առատաձեռնության խոստացաք ինձ, այն է, որ վաղը արևածագին, դուք ինձ ասպետ կարգեք։ Այսօրվա ողջ գիշերը ես հսկում կկատարեմ ձեր դղյակի մատուռում՝ զենքի առջև, իսկ վաղը, ինչպես ես արդեն ասացի, վերջապես կկատարվի իմ վառ ցանկությունը, և ես ի վիճակի կլինեմ օրինավոր կերպով աշխարհիս չորս կողմերը թափառել, արկածներ որոնել՝ զրկվածներին և թշվառներին օգնելու համար, որովհետև թափառական ասպետների օրենքն ու բոլոր ինձ նման ասպետների նպատակը այդ է՝ ձգտել կատարելու հիշածս սխրագործությունները։ | ― Ես հավատացած էի, սինյոր, որ ըստ ձեր անսահման ազնվության դուք ինձ չեք մերժի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Արդ, ձեզնից խնդրածս շնորհը, որ դուք, ըստ ձեր առատաձեռնության խոստացաք ինձ, այն է, որ վաղը արևածագին, դուք ինձ ասպետ կարգեք։ Այսօրվա ողջ գիշերը ես հսկում կկատարեմ ձեր դղյակի մատուռում՝ զենքի առջև, իսկ վաղը, ինչպես ես արդեն ասացի, վերջապես կկատարվի իմ վառ ցանկությունը, և ես ի վիճակի կլինեմ օրինավոր կերպով աշխարհիս չորս կողմերը թափառել, արկածներ որոնել՝ զրկվածներին և թշվառներին օգնելու համար, որովհետև թափառական ասպետների օրենքն ու բոլոր ինձ նման ասպետների նպատակը այդ է՝ ձգտել կատարելու հիշածս սխրագործությունները։ | ||
− | Մենք արդեն ասացինք, որ պանդոկապետը խելքը գլխին մարդ էր և մի քիչ կռահում էր, որ իր հյուրը խելագար է․ լսելով այսքան տարօրինակ խոսքեր, նա վերջնականապես համոզվեց այդ բանում և գիշերը զվարճացած լինելու համար վճռեց թև տալ նրա խելագարությանը։ Ուստի նա պատասխանեց դոն Կիխոտին, թե նրա ցանկությունն ու խնդիրքը միանգամայն բանական են, թե, դատելով նրա հպարտ արտաքինից և շարժուձևերից, նա, ըստ երևույթին, ազնիվ ասպետ է, թե նման մտադրությունը միանգամայն բնական է և արժանի նրա կոչմանը, թե ինքն էլ, երիտասարդ հասակում, զբաղվել է այդ պատվաբեր գործով և թափառել է աշխարհիս զանազան կողմերում արկածներ որոնելով, չզլանալով հաճախել Մալահայի Պերչելեսը, Ռիարանի կղզիները, Սեվիլիայի Կոմպասը, Սեգովինիայի Ասոգեխոն, Վալենսիայի Օլիվերան, Գրենադայի Ռոնդիլյան, Սանլո՛ւկարի ծովափը, Կորդովայի Պոտրոն, Տոլեդոյի պանդոկները<ref>Իսպանիայի զանազան քաղաքներում եղած կասկածելի թաղամասերի, քեֆատեղերի և անառականոցների թվարկում։</ref> և շատ ուրիշ վայրեր, որտեղ նա վարժվել է ոտների արագաշարժության և ձեռների հմտության մեջ և շատ օյիններ է խաղացել՝ վիրավորել է որբևայրի կանանց, նեղել է աղջիկներին, խաբել է մանկահասակներին, մի խոսքով՝ անուն է հանել Իսպանիայի բոլոր դատարաններում և բանտերում։ Սակայն իր օրերի մայրամուտին նա բնակվել է այս դղյակում և ապրում է այստեղ իր հաշվով, այլև ուրիշների հաշվին, հյուրընկալելով բոլոր թափառական ասպետներին, ինչ կոչման և կարողության տեր էլ լինեն նրանք, դրդված միմիայն դեպի նրանց իր ունեցած մեծ սիրուց, իհարկե պայմանով, որ, ի հատուցումն իր լավ վերաբերմունքի, նրանք իրեն բաժին հանեն իրենց ունեցածից։ Ապա նա ավելացրեց, որ դղյակում մատուռ չկա, որտեղ կարելի լիներ գիշերը հսկում կատարել զենքի առջև, որովհետև ինքը հինը քանդել է տվել, կամենալով կառուցել նորը, սակայն նրան հայտնի է, որ անհրաժեշտության դեպքում կարգվելու նախընթաց գիշերը կարելի է անցկացնել որտեղ էլ լինի, որ դոն Կիխոտը կարող է անցկացնել դղյակի բակում, իսկ վաղը, եթե հաճելի լինի Աստծուն, նա բոլոր պարտադիր արարողություններով կարգված կլինի ասպետ, այն էլ այնպիսի ասպետ, որ ավելի լավը գոյություն չի ունենում։ Վերջապես նա հարցրեց՝ դոն Կիխոտը ունի՞ արդյոք փող։ Սա էլ պատասխանեց, թե գրոշ չունի, | + | Մենք արդեն ասացինք, որ պանդոկապետը խելքը գլխին մարդ էր և մի քիչ կռահում էր, որ իր հյուրը խելագար է․ լսելով այսքան տարօրինակ խոսքեր, նա վերջնականապես համոզվեց այդ բանում և գիշերը զվարճացած լինելու համար վճռեց թև տալ նրա խելագարությանը։ Ուստի նա պատասխանեց դոն Կիխոտին, թե նրա ցանկությունն ու խնդիրքը միանգամայն բանական են, թե, դատելով նրա հպարտ արտաքինից և շարժուձևերից, նա, ըստ երևույթին, ազնիվ ասպետ է, թե նման մտադրությունը միանգամայն բնական է և արժանի նրա կոչմանը, թե ինքն էլ, երիտասարդ հասակում, զբաղվել է այդ պատվաբեր գործով և թափառել է աշխարհիս զանազան կողմերում արկածներ որոնելով, չզլանալով հաճախել Մալահայի Պերչելեսը, Ռիարանի կղզիները, Սեվիլիայի Կոմպասը, Սեգովինիայի Ասոգեխոն, Վալենսիայի Օլիվերան, Գրենադայի Ռոնդիլյան, Սանլո՛ւկարի ծովափը, Կորդովայի Պոտրոն, Տոլեդոյի պանդոկները<ref>Իսպանիայի զանազան քաղաքներում եղած կասկածելի թաղամասերի, քեֆատեղերի և անառականոցների թվարկում։</ref> և շատ ուրիշ վայրեր, որտեղ նա վարժվել է ոտների արագաշարժության և ձեռների հմտության մեջ և շատ օյիններ է խաղացել՝ վիրավորել է որբևայրի կանանց, նեղել է աղջիկներին, խաբել է մանկահասակներին, մի խոսքով՝ անուն է հանել Իսպանիայի բոլոր դատարաններում և բանտերում։ Սակայն իր օրերի մայրամուտին նա բնակվել է այս դղյակում և ապրում է այստեղ իր հաշվով, այլև ուրիշների հաշվին, հյուրընկալելով բոլոր թափառական ասպետներին, ինչ կոչման և կարողության տեր էլ լինեն նրանք, դրդված միմիայն դեպի նրանց իր ունեցած մեծ սիրուց, իհարկե պայմանով, որ, ի հատուցումն իր լավ վերաբերմունքի, նրանք իրեն բաժին հանեն իրենց ունեցածից։ Ապա նա ավելացրեց, որ դղյակում մատուռ չկա, որտեղ կարելի լիներ գիշերը հսկում կատարել զենքի առջև, որովհետև ինքը հինը քանդել է տվել, կամենալով կառուցել նորը, սակայն նրան հայտնի է, որ անհրաժեշտության դեպքում կարգվելու նախընթաց գիշերը կարելի է անցկացնել որտեղ էլ լինի, որ դոն Կիխոտը կարող է անցկացնել դղյակի բակում, իսկ վաղը, եթե հաճելի լինի Աստծուն, նա բոլոր պարտադիր արարողություններով կարգված կլինի ասպետ, այն էլ այնպիսի ասպետ, որ ավելի լավը գոյություն չի ունենում։ Վերջապես նա հարցրեց՝ դոն Կիխոտը ունի՞ արդյոք փող։ Սա էլ պատասխանեց, թե գրոշ չունի, որովհետև ոչ մի վեպում նրան չի պատահել կարդալ, թե թափառական ասպետները հետները փող են ունենում․ պանդոկապանը դրան պատասխանեց, թե նա սխալվում է, թե, ճիշտ է, վեպերում այդ մասին չի գրվում, որովհետև հեղինակները անհրաժեշտ չեն համարում հիշատակելու այդքան պարզ ու անհրաժեշտ իրերի մասին, ինչպես օրինակ փողը կամ մաքուր շապիկները, սակայն դրանից բնավ չի բխում, թե ասպետները չեն ունենում ո՛չ այս, ո՛չ այն․ ընդհակառակը՝ նա ստույգ ու հաստատ գիտե, որ բոլոր թափառական ասպետները, որոնց սխրագործություններով լեփ լեցուն են այնքան վեպեր, միշտ ունենալիս են եղել հետները լիքը֊լիքը քսակներ, ինչպես և շապիկներ և մի սրվակ դեղ, որով բուժելիս էին լինում իրենց վերքերը՝ դաշտ ու անապատներում, որտեղ նրանք մարտնչում և ընկնում էին վիրավոր, հո միշտ հնարավոր չէ՛ր լինում բժիշկ կանչել։ Իհարկե, նրանցից ոմանք բարեկամություն էին ունենում որևէ իմաստուն կախարդի հետ, այն ժամանակ վերջինս ուղղակի օդի միջով ամպի վրա ուղարկելիս է եղել որևէ աղջիկ կամ թզուկ՝ մի սրվակ անմահական ջուր հետը․ հենց որ ասպետը խմելիս էր լինում մի քանի կաթիլ, իսկույն նրա վերքերն ու խոցերը անհետանում էին, ասես չէին էլ եղել, բայց երբ որ նրանք նման հովանավորող չէին ունենում, հինավուրց ասպետները համարում էին միանգամայն տեղին, որ իրենց զինակիրները հետները ունենան փող և այլ անհրաժեշտ իրեր, ինչպես օրինակ վիրավորվելու դեպքի համար, իսկ եթե պատահում էր, որ նրանց զինակիրները չէին ունենում (ասենք՝ դա շատ քիչ էր պատահում), նրանք իրենք էին հետները վերցնում փոքրիկ խուրջինների մեջ, որ խմամքով թաքցնում էին ձիու ետևին՝ իբրև այլ առաջնակարգ անհրաժեշտության առարկա, որովհետև, բացառությամբ նման դեպքերի, թափառական ասպետները սովորություն չունեին հետները խուրջին ման ածել։ Այսպիսով, պանդոկապետը դոն Կիխոտին խորհուրդ տվեց (թեև նա կարող էր նրան անգամ հրամայել, որպես կրտսեր եղբորը, որովհետև շուտով նա պետք է այդպիսին դառնար) այլևս ճամփա չընկնել առանց փողի և անհրաժեշտ իրերի՝ նա ինքը կտեսնի, այդ բաները իրեն հարկավոր կգան այն ժամանակ, երբ ամենքից քիչը նրանց վրա դրած լինի իր հույսը։ |
Դոն Կիխոտը խոստացավ կետ առ կետ հետևել նրա խորհուրդներին և իսկույն պատրաստվեց հսկելու զենքի առջև՝ պանդոկին կից մեծ բակում։ Նա հավաքեց իր զենքը ու զրահը, դրեց ջրհորի մոտի կոճղի վրա և բռնելով նիզակն ու վահանը սկսեց մեծ արժանապատվությամբ ետ ու առաջ անցնել կոճղի առջև։ Գիշերն արդեն վրա էր հասնում, երբ նա սկսեց այդ զբոսանքը։ | Դոն Կիխոտը խոստացավ կետ առ կետ հետևել նրա խորհուրդներին և իսկույն պատրաստվեց հսկելու զենքի առջև՝ պանդոկին կից մեծ բակում։ Նա հավաքեց իր զենքը ու զրահը, դրեց ջրհորի մոտի կոճղի վրա և բռնելով նիզակն ու վահանը սկսեց մեծ արժանապատվությամբ ետ ու առաջ անցնել կոճղի առջև։ Գիշերն արդեն վրա էր հասնում, երբ նա սկսեց այդ զբոսանքը։ | ||
Տող 485. | Տող 487. | ||
Արտասանելով այս խոսքերը և այլ սրանց նմանները՝ նա մի կողմ գցեց վահանը, երկու ձեռքով բարձրացրեց նիզակը և այնպիսի ուժով հարվածեց ջորեպանի գլխին, որ վերջինս փռվեց գետնին ամենաողբալի վիճակում․ եթե դոն Կիխոտը մի հարված էլ հասցնելու լիներ, ապա նրա հակառակորդը բժշկի դիմելու կարիք չէր ունենա։ Իր գործը կատարելուց հետո դոն Կիխոտը հավաքեց իր զենքն ու զրահը, դրեց նախկին տեղը և վերսկսեց ետ ու առաջ գնալը՝ նույնքան հանգիստ, ինչպես առաջ։ Մի պահ անց, եղելությունից բոլորովին անտեղյակ (որովհետև առաջին ջորեպանը դեռ ընկած էր՝ շշմած հարվածից) դուրս եկավ երկրորդ ջորեպանը, որ նույնպես ուզում էր ջրել իր ջորիներին և երբ որ կոճղը ազատելու համար նա սկսեց վրայի զենք ու զրահը վերցնել, դոն Կիխոտը, առանց մի բառ արտասանելու և ոչ ոքի օգնությունը չհայցելով, երկրորդ անգամ մի կողմ դրեց վահանը, երկրորդ անգամ բարձրացրեց նիզակն ու վեր բերեց երկրորդ ջորեպանի գլխին՝ այնքան հաջող, որ նիզակը չեղավ երեք կտոր, այլ գանգը՝ չորս։ Աղմուկի վրա վազեվազ հավաքվեցին պանդոկի իջևանողները, որոնց թվում էր նաև պանդակապանը։ Տեսնելով նրանց՝ դոն Կիխոտը բռնեց վահանը, սուրը և բացականչեց․ | Արտասանելով այս խոսքերը և այլ սրանց նմանները՝ նա մի կողմ գցեց վահանը, երկու ձեռքով բարձրացրեց նիզակը և այնպիսի ուժով հարվածեց ջորեպանի գլխին, որ վերջինս փռվեց գետնին ամենաողբալի վիճակում․ եթե դոն Կիխոտը մի հարված էլ հասցնելու լիներ, ապա նրա հակառակորդը բժշկի դիմելու կարիք չէր ունենա։ Իր գործը կատարելուց հետո դոն Կիխոտը հավաքեց իր զենքն ու զրահը, դրեց նախկին տեղը և վերսկսեց ետ ու առաջ գնալը՝ նույնքան հանգիստ, ինչպես առաջ։ Մի պահ անց, եղելությունից բոլորովին անտեղյակ (որովհետև առաջին ջորեպանը դեռ ընկած էր՝ շշմած հարվածից) դուրս եկավ երկրորդ ջորեպանը, որ նույնպես ուզում էր ջրել իր ջորիներին և երբ որ կոճղը ազատելու համար նա սկսեց վրայի զենք ու զրահը վերցնել, դոն Կիխոտը, առանց մի բառ արտասանելու և ոչ ոքի օգնությունը չհայցելով, երկրորդ անգամ մի կողմ դրեց վահանը, երկրորդ անգամ բարձրացրեց նիզակն ու վեր բերեց երկրորդ ջորեպանի գլխին՝ այնքան հաջող, որ նիզակը չեղավ երեք կտոր, այլ գանգը՝ չորս։ Աղմուկի վրա վազեվազ հավաքվեցին պանդոկի իջևանողները, որոնց թվում էր նաև պանդակապանը։ Տեսնելով նրանց՝ դոն Կիխոտը բռնեց վահանը, սուրը և բացականչեց․ | ||
− | Օ՛հ, արքայական գեղեցկություն, ամրություն և ուժ իմ խոշտանգված սրտի։ Հասել է ժամը, երբ դու պետք է քո մենության հայացքը դարձնես քեզնով գերված և այսպիսի վտանգավոր մարտի մեջ մտնող ասպետի վրա։ | + | ― Օ՛հ, արքայական գեղեցկություն, ամրություն և ուժ իմ խոշտանգված սրտի։ Հասել է ժամը, երբ դու պետք է քո մենության հայացքը դարձնես քեզնով գերված և այսպիսի վտանգավոր մարտի մեջ մտնող ասպետի վրա։ |
Եվ թվում էր նրան, թե այս խոսքերը նրա մեջ այնպիսի արիություն են զարթնեցրել, որ եթե նրա վրա աշխարհիս բոլոր ջորեպաններն էլ հարձակվելու լինեին, նա դարձյալ ոչ մի քայլ չէր նահանջի։ Վիրավորված ջորեպանների ընկերները, տեսնելով իրայիններին գետնին փռված, հեռվից սկսեցին քարկոծել դոն Կիխոտին, որը կարյաց չափ պաշտպանվում էր նրանցից վահանով, բայց կոճղից չէր հեռանում, չկամենալով լքել իր զենք ու զրահը։ Իսկ պանդոկապանը գոռում էր, որ նրանք դադարեն՝ չէ՞ որ նա նախազգուշացրել է նրանց արդեն, որ այս մարդը խելագար է, ամենքին էլ կկոտորի և որպես խելագար անպատիժ կմնա։ Սակայն դոն Կիխոտը ավելի բարձր էր ճչում, ամենքին էլ անպիտան և դավաճան անվանելով, իսկ դղյակի տիրոջը՝ չար ու նենգամիտ, որ թույլ է տալիս թափառական ասպետներին իր իսկ դղյակում այսպիսի վիրավորանքներ հասցնել։ Եվ ավելացնում էր, թե եթե նա արդեն կարգված ասպետ լիներ, նա իսկույն կխրատեր նման դավաճանության համար։ | Եվ թվում էր նրան, թե այս խոսքերը նրա մեջ այնպիսի արիություն են զարթնեցրել, որ եթե նրա վրա աշխարհիս բոլոր ջորեպաններն էլ հարձակվելու լինեին, նա դարձյալ ոչ մի քայլ չէր նահանջի։ Վիրավորված ջորեպանների ընկերները, տեսնելով իրայիններին գետնին փռված, հեռվից սկսեցին քարկոծել դոն Կիխոտին, որը կարյաց չափ պաշտպանվում էր նրանցից վահանով, բայց կոճղից չէր հեռանում, չկամենալով լքել իր զենք ու զրահը։ Իսկ պանդոկապանը գոռում էր, որ նրանք դադարեն՝ չէ՞ որ նա նախազգուշացրել է նրանց արդեն, որ այս մարդը խելագար է, ամենքին էլ կկոտորի և որպես խելագար անպատիժ կմնա։ Սակայն դոն Կիխոտը ավելի բարձր էր ճչում, ամենքին էլ անպիտան և դավաճան անվանելով, իսկ դղյակի տիրոջը՝ չար ու նենգամիտ, որ թույլ է տալիս թափառական ասպետներին իր իսկ դղյակում այսպիսի վիրավորանքներ հասցնել։ Եվ ավելացնում էր, թե եթե նա արդեն կարգված ասպետ լիներ, նա իսկույն կխրատեր նման դավաճանության համար։ | ||
− | Իսկ դուք, ստորաքարշ ճորտեր, ձեզ ես պարզապես արհամարհում եմ․ քար շպրտեցեք, մոտեցեք, հարձակվեցեք, ինչքան կամենաք, դուք իսկույն ևեթ կպարգևատրվեք ձեր հանդգնության և անմտության համար։ | + | ― Իսկ դուք, ստորաքարշ ճորտեր, ձեզ ես պարզապես արհամարհում եմ․ քար շպրտեցեք, մոտեցեք, հարձակվեցեք, ինչքան կամենաք, դուք իսկույն ևեթ կպարգևատրվեք ձեր հանդգնության և անմտության համար։ |
Այս ամենը նա ասում էր այնքան սրտոտ ու վճռական, որ հարձակվողներին մեծ երկյուղ պատեց։ Այդ երկյուղի ազդեցության ներքո, այլև պանդոկապանի հորդորի հետևանքով նրանք վերջ ի վերջո դադարեցին քար գցելուց, ապա թե դոն Կիխոտը թույլ տվեց, որ հավաքեն վիրավորներին և վերսկսեց իր հսկումը զենք ու զրահի առջև այնպիսի պաղարյունությամբ, ասես թե ոչինչ չէր պատահել։ | Այս ամենը նա ասում էր այնքան սրտոտ ու վճռական, որ հարձակվողներին մեծ երկյուղ պատեց։ Այդ երկյուղի ազդեցության ներքո, այլև պանդոկապանի հորդորի հետևանքով նրանք վերջ ի վերջո դադարեցին քար գցելուց, ապա թե դոն Կիխոտը թույլ տվեց, որ հավաքեն վիրավորներին և վերսկսեց իր հսկումը զենք ու զրահի առջև այնպիսի պաղարյունությամբ, ասես թե ոչինչ չէր պատահել։ | ||
Տող 560. | Տող 562. | ||
Վերջ ի վերջո գյուղացին այնուհանդերձ արձակեց տղին և թույլ տվեց, որ նա գնա իր դատավորին որոնի, որպեսզի վերջինս ի կատար ածի իր արտասանած դատավճիռը։ Անդրեսը հուսահատ գնաց, երդվելով որ կգտնի արի դոն Կիխոտ Լամանչեցուն և մանրամասն կպատմի նրան եղելությունը, և տերը հարկադրված կլինի հարյուրապատիկը վճարել։ Բոլոր այս սպառնալիքներով հանդերձ նա գնաց արտասվաթոր, մինչդեռ իր տերը մնաց կանգնած և լիաթոք ծիծաղում էր․ ահա՜ թե ինչպես արի դոն Կիխոտը պատժեց անարգողին։ | Վերջ ի վերջո գյուղացին այնուհանդերձ արձակեց տղին և թույլ տվեց, որ նա գնա իր դատավորին որոնի, որպեսզի վերջինս ի կատար ածի իր արտասանած դատավճիռը։ Անդրեսը հուսահատ գնաց, երդվելով որ կգտնի արի դոն Կիխոտ Լամանչեցուն և մանրամասն կպատմի նրան եղելությունը, և տերը հարկադրված կլինի հարյուրապատիկը վճարել։ Բոլոր այս սպառնալիքներով հանդերձ նա գնաց արտասվաթոր, մինչդեռ իր տերը մնաց կանգնած և լիաթոք ծիծաղում էր․ ահա՜ թե ինչպես արի դոն Կիխոտը պատժեց անարգողին։ | ||
− | Նույն այդ միջոցին մեր ասպետին թվում էր, որ նա գեղեցիկ և վեհ սկիզբ է դրել իր ասպետական սխրագործություններին։ Միանգամայն բավարարված տեղի ունեցածով և ծայր աստիճան գոհ ինքն իրենով՝ նա շարունակում էր գնալ դեպի իր գյուղը, | + | Նույն այդ միջոցին մեր ասպետին թվում էր, որ նա գեղեցիկ և վեհ սկիզբ է դրել իր ասպետական սխրագործություններին։ Միանգամայն բավարարված տեղի ունեցածով և ծայր աստիճան գոհ ինքն իրենով՝ նա շարունակում էր գնալ դեպի իր գյուղը, կիսաձայն ասելով․ |
― Օ՜, գեղեցիկ Դուլսինեա Տոբոսցի, ճշմարտապես դու կարող ես քեզ բոլոր աշխարհիս երեսին ապրող կանանցից երջանկագույնը համարել, օ՜, գեղեցիկդ գեղեցիկներից։ Որովհետև բախտը տվել է քեզ հրամայել, որպես ստրուկի, որ հլու է քո կամքին և քո ցանկություններին, այնպիսի մի խիզախ և հռչակավոր ասպետի, որպիսին ցույց տվեց ինքն իրեն և ցույց է տալու դոն Կիխոտ Լամանչեցին։ Արար աշխարհը գիտի, որ նա երեկ կարգվեց ասպետ, իսկ այսօր արդեն այնպիսի անարգանքի և անարդարության համար վրեժ առավ, որ դեռևս չի հնարել չարամտությունը և չի կատարել խստասրտությունը, որովհետև նա այսօր խլեց պատվազուրկ չարագործի ձեռքից խարազանը, որ առանց որևէ պատճառի գանակոծում էր թույլ պատանուն։ | ― Օ՜, գեղեցիկ Դուլսինեա Տոբոսցի, ճշմարտապես դու կարող ես քեզ բոլոր աշխարհիս երեսին ապրող կանանցից երջանկագույնը համարել, օ՜, գեղեցիկդ գեղեցիկներից։ Որովհետև բախտը տվել է քեզ հրամայել, որպես ստրուկի, որ հլու է քո կամքին և քո ցանկություններին, այնպիսի մի խիզախ և հռչակավոր ասպետի, որպիսին ցույց տվեց ինքն իրեն և ցույց է տալու դոն Կիխոտ Լամանչեցին։ Արար աշխարհը գիտի, որ նա երեկ կարգվեց ասպետ, իսկ այսօր արդեն այնպիսի անարգանքի և անարդարության համար վրեժ առավ, որ դեռևս չի հնարել չարամտությունը և չի կատարել խստասրտությունը, որովհետև նա այսօր խլեց պատվազուրկ չարագործի ձեռքից խարազանը, որ առանց որևէ պատճառի գանակոծում էր թույլ պատանուն։ | ||
Տող 582. | Տող 584. | ||
― Մի՛ք փախչի, վախկոտներ, անպիտաններ, սպասեցեք։ Իմ մեղքը չէ, որ ես վայր ընկա, իմ երիվարն է մեղավոր։ | ― Մի՛ք փախչի, վախկոտներ, անպիտաններ, սպասեցեք։ Իմ մեղքը չէ, որ ես վայր ընկա, իմ երիվարն է մեղավոր։ | ||
− | Ջորեպաններից մեկը, որ, ըստ երևույթին, հեզ բնավորության տեր չէր, լսելով, որ վայր ընկած ասպետը շարունակում է վիրավորանքներ թափել իրենց գլխին, չհամբերեց և վճռեց՝ ի պատասխան, նրա բուրդը գզել։ Նա մոտեցավ դոն Կիխոտին, խլեց նրա ձեռքից նիզակը, կտոր֊կտոր արեց և մի կտորով սկսեց հարվածել մեր ասպետին այնպես, որ չնայած նրա զրահին, ջարդեց նրան, ասես մի ջվալ ցորեն։ Վաճառականները գոռում էին, որ նա դադարի, այլևս չխփի, բայց ջորեպանը ոգևորվել էր և չէր ուզում խաղն ավարտել, մինչև որ չսպառեց իր ցասումի | + | Ջորեպաններից մեկը, որ, ըստ երևույթին, հեզ բնավորության տեր չէր, լսելով, որ վայր ընկած ասպետը շարունակում է վիրավորանքներ թափել իրենց գլխին, չհամբերեց և վճռեց՝ ի պատասխան, նրա բուրդը գզել։ Նա մոտեցավ դոն Կիխոտին, խլեց նրա ձեռքից նիզակը, կտոր֊կտոր արեց և մի կտորով սկսեց հարվածել մեր ասպետին այնպես, որ չնայած նրա զրահին, ջարդեց նրան, ասես մի ջվալ ցորեն։ Վաճառականները գոռում էին, որ նա դադարի, այլևս չխփի, բայց ջորեպանը ոգևորվել էր և չէր ուզում խաղն ավարտել, մինչև որ չսպառեց իր ցասումի ողջ պաշարը։ Նիզակի կտորները, մեկը մյուսի ետևից վերցնելով նա կոտրում էր՝ հարվածելով գետնին փռված, թշվառական ասպետի մեջքին, որը չնայած կարկուտի պես տեղացող հարվածներին չէր լռում և շարունակում էր սպառնալ երկնքին, երկրին և նրանց, որոնց նա ավազակների տեղ էր դնում։ |
Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։ Դոն Կիխոտը տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե առաջ նա ողջ ու առողջ չէր կարողանում ոտի կանգնել, ապա հիմա՝ ծեծված, կիսամեռ վիճակում, ինչպե՞ս ելներ։ Այնուհանդերձ, նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին, և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա չէր կարողանում, այնքան էին ցավում նրա ոսկորները։ | Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։ Դոն Կիխոտը տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե առաջ նա ողջ ու առողջ չէր կարողանում ոտի կանգնել, ապա հիմա՝ ծեծված, կիսամեռ վիճակում, ինչպե՞ս ելներ։ Այնուհանդերձ, նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին, և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա չէր կարողանում, այնքան էին ցավում նրա ոսկորները։ | ||
Տող 588. | Տող 590. | ||
==Գլուխ V== | ==Գլուխ V== | ||
− | Որ շարունակում է մեր ասպետի ձախորդությունների | + | Որ շարունակում է մեր ասպետի ձախորդությունների պատմությունը |
Այսպիսով համոզվելով, որ իրոք ի վիճակի չի տեղից շարժվելու, մեր ասպետը որոշեց դիմել իր սովորական դեղին, այսինքն՝ մտաբերել որևէ դեպք վեպերից։ Եվ նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ Բալդովինոյի և մարկիզ Մանտուացու տեսարանը, երբ որ Կարլոտոն վիրավոր Բալդովինոյին թողեց լեռներում․ մի պատմություն, որ լավ ծանոթ է մանուկներին, անհայտ չէ պատանիներին և վայելում է ծերերի սերն ու վստահությունը, և չնայած այդ ամենին, ավելի ստույգ չէ, քան Մոհամմեդի հրաշագործությունները։ Դոն Կիխոտին թվաց, որ այդ պատմությունը շատ սազում է իր ցավալի վիճակին։ Եվ ահա նա սկսեց գլորվել գետնին և խորունկ զգացմունքով կրկնել թույլ ձայնով խոսքեր, որ երգի հեղինակը դրել է վիրավոր Անտառի Ասպետի շուրթերում․ | Այսպիսով համոզվելով, որ իրոք ի վիճակի չի տեղից շարժվելու, մեր ասպետը որոշեց դիմել իր սովորական դեղին, այսինքն՝ մտաբերել որևէ դեպք վեպերից։ Եվ նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ Բալդովինոյի և մարկիզ Մանտուացու տեսարանը, երբ որ Կարլոտոն վիրավոր Բալդովինոյին թողեց լեռներում․ մի պատմություն, որ լավ ծանոթ է մանուկներին, անհայտ չէ պատանիներին և վայելում է ծերերի սերն ու վստահությունը, և չնայած այդ ամենին, ավելի ստույգ չէ, քան Մոհամմեդի հրաշագործությունները։ Դոն Կիխոտին թվաց, որ այդ պատմությունը շատ սազում է իր ցավալի վիճակին։ Եվ ահա նա սկսեց գլորվել գետնին և խորունկ զգացմունքով կրկնել թույլ ձայնով խոսքեր, որ երգի հեղինակը դրել է վիրավոր Անտառի Ասպետի շուրթերում․ | ||
− | |||
<poem> | <poem> | ||
+ | |||
Արի՛, ցավս բաժանիր, | Արի՛, ցավս բաժանիր, | ||
Ո՜հ, իմ տիկին փափկասուն, | Ո՜հ, իմ տիկին փափկասուն, | ||
Տող 599. | Տող 601. | ||
Կամ թե ինձ չես ափսոսում։ | Կամ թե ինձ չես ափսոսում։ | ||
− | Շարունակելով այս երգը՝ նա հասավ | + | Շարունակելով այս երգը՝ նա հասավ հետևյալ տողերին․ |
Մանտուանի դու իշխան, | Մանտուանի դու իշխան, | ||
Տող 611. | Տող 613. | ||
― Սինյոր Կիխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դառել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդը գզել։ | ― Սինյոր Կիխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դառել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդը գզել։ | ||
− | + | Սակայն դոն Կիխոտը, առանց պատասխանելու, շարունակում էր իր երգը։ Ապա թե բարի մարդը ջանասիրությամբ, որքան որ կարող էր, հանեց նրա կրծկալն ու մեջկալը, որպեսզի տեսնի՝ վիրավորված չի՞ նա արդյոք։ Սակայն ոչ վերք, ոչ արյուն երևաց։ Հետո նա բարձրացրեց նրան գետնից և մեծ դժվարությամբ նստեցրեց իր էշի վրա, որովհետև նրան թվում էր, թե հիվանդի համար էշով գնալն ավելի հանգիստ կլինի, քան ձիով։ Վերջապես նա հավաքեց զենքերը, անգամ նիզակի կտորները, այդ ամենը կապեց Ռոսինանտի թամքին, բռնեց ձիու և էշի սանձերն ու ուղևորվեց դեպի գյուղ, խորհելով խելագար խոսքերի մասին, որ արտասանում էր դոն Կիխոտը։ Սակայն դոն Կիխոտն էլ պակաս մտահոգված չէր գնում, այնքան ջարդված ու տրորված էր, որ հազիվ էր կարողանում փալանի վրա նստած մնալ։ Մերթ ընդ մերթ նա խորը հոգոց էր քաշում, որ ասես հասնում էին երկնքին իսկ։ Այդ մղեց գյուղացուն դարձյալ հարց տալու, թե նրա ինչն է ցավում։ Պետք է կարծել, որ ինքը դևն էր հիշեցնում դոն Կիխոտին զանազան պատմություններ, հար ու նման իր սեփական արկածներին․ որովհետև այդ վայրկյանին նա մոռացավ Բալդովինոյին և մտաբերեց, թե ինչպես Անտեկերայի կառավարիչ Ռոդրիգո դե Նարվա՛եսը բռնել էր մավր Աբինդարրաե՛սին և բանտարկել իր սեփական դղյակում։ Ուստի երբ որ գյուղացին երկրորդ անգամ հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է նրա քեֆը և ի՞նչն է ցավում, նա պատասխանեց նույն բառերով և դարձվածքներով, ինչպես գերի Աբենսերա՛եսը<ref>Աբենսերաե՛ս ― արաբերեն Բենի֊Սիրաշ ― հին մավրիտանական տոհմ, որն աչքի ընկնող դեր է խաղացել Գրանադայի պատմության մեջ XV դարում։ Նրա հետ կապված ավանդույթներից մեկը Շատոբրիանի «Les aventures du dernier Abencerage» (հրատ․ 1826 թ․) վեպի համար թեմա է ծառայել։</ref> պատասխանեց Ռոդրիգո դե Նարվա՛եսին Խորգե դե Մոնտեմայորի «Դիանայի» մեջ, որ մեր ասպետը կարդացել էր։ Եվ նա այնքան աջող գործադրեց իր նկատմամբ այդ տեղը, որ գյուղացին անմտությունների այդ կույտը լսելով, պատրաստ էր հոգին սատանին վաճառելու։ Ահա այստեղ նա գլխի ընկավ, որ իր հարևանը ցնդել է և շտապեց շուտ տուն հասնել, որովհետև դոն Կիխոտի երկար ու բարակ ճառերը նրան սաստիկ ձանձրացրել էին։ Իսկ դոն Կիխոտը ի վերջո հայտարարեց․ | |
− | ― Իմացած եղեք, ձերդ ողորմածություն, սինյոր դոն Ռոդրիգո դե Նարվաե՛ս, որ գեղեցկուհի Խարիֆան, որի մասին ես նոր ասում էի ձեզ, այժմ չքնաղ Դուլսինեա Տոբոսացին է, ի պատիվ որի ես կատարեցի, կատարում եմ և կատարելու եմ այնպիսի փառավոր | + | ― Իմացած եղեք, ձերդ ողորմածություն, սինյոր դոն Ռոդրիգո դե Նարվաե՛ս, որ գեղեցկուհի Խարիֆան, որի մասին ես նոր ասում էի ձեզ, այժմ չքնաղ Դուլսինեա Տոբոսացին է, ի պատիվ որի ես կատարեցի, կատարում եմ և կատարելու եմ այնպիսի փառավոր սխրագործություններ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի տեսել, չի տեսնում և չի տեսնի երբեք։ |
Գյուղացին դրան պատասխանեց․ | Գյուղացին դրան պատասխանեց․ | ||
Տող 639. | Տող 641. | ||
― Բոլորդ էլ համբերեցեք, իմ երիվարի երեսից ես ծանր վիրավորված եմ։ Ինձ տարեք դրեք անկողնի մեջ և, եթե հնարավոր է, կանչեցեք իմաստուն Ուրգանդային, որպեսզի նա կապի ու բուժի իմ վերքերը։ | ― Բոլորդ էլ համբերեցեք, իմ երիվարի երեսից ես ծանր վիրավորված եմ։ Ինձ տարեք դրեք անկողնի մեջ և, եթե հնարավոր է, կանչեցեք իմաստուն Ուրգանդային, որպեսզի նա կապի ու բուժի իմ վերքերը։ | ||
− | ― Ի՜նչ դժբախտություն, տեսա՞ք, ― բացականչեց տնտեսուհին։ ― Սիրտս ճիշտ էր ասում, թե մեր սինյորի որ ոտն է կաղում։ Համեցեք, ձեր գալուստը բարի, ձերդ ողորմածություն, մենք կկարողանանք ձեզ բժշկել և առանց այդ Ուրգանդայի։<ref> | + | ― Ի՜նչ դժբախտություն, տեսա՞ք, ― բացականչեց տնտեսուհին։ ― Սիրտս ճիշտ էր ասում, թե մեր սինյորի որ ոտն է կաղում։ Համեցեք, ձեր գալուստը բարի, ձերդ ողորմածություն, մենք կկարողանանք ձեզ բժշկել և առանց այդ Ուրգանդայի։<ref>Ուրգանդա ― անթարգմանելի բառախաղ՝ urgada կնշանակե «Ժիր, գործունակ կին (մղորդ)։ Դոն Կիխոտի անկիրթ տնտեսուհին այսպես է աղավաղում կախարդուհի Ուրգանդայի անունը։</ref> Մի անգամ էլ, հազար անգամ էլ անիծվեն այն ասպետական գրքերը, ահա՛ թե նրանք ձերդ ողորմածությանը որտեղ հասցրին։ |
Ապա նրանք դոն Կիխոտին տարան֊դրեցին անկողին և ուզում էին կապել նրա վերքերը, սակայն ոչ մի վերք չկար։ Նա բացատրեց, որ պարզապես ցավել է, որովհետև իր երիվար Ռոսինանտի հետ գլորվել է գետին մարտի ամենաթեժ պահին տասը հսկաների դեմ․ ավելի հանդուգն և կատաղի էակներ, նրա ասելով, աշխարհս չի ստեղծել։ | Ապա նրանք դոն Կիխոտին տարան֊դրեցին անկողին և ուզում էին կապել նրա վերքերը, սակայն ոչ մի վերք չկար։ Նա բացատրեց, որ պարզապես ցավել է, որովհետև իր երիվար Ռոսինանտի հետ գլորվել է գետին մարտի ամենաթեժ պահին տասը հսկաների դեմ․ ավելի հանդուգն և կատաղի էակներ, նրա ասելով, աշխարհս չի ստեղծել։ | ||
Տող 645. | Տող 647. | ||
― Պա֊պա֊պա, ― ընդհատեց քահանան, ― մեզանում հսկաներ են երևան եկել։ Երդվում եմ Մադոննայով, վաղն ևեթ, արևը դեռ մայր չմտած, նրանք բոլորը այրված կլինեն։ | ― Պա֊պա֊պա, ― ընդհատեց քահանան, ― մեզանում հսկաներ են երևան եկել։ Երդվում եմ Մադոննայով, վաղն ևեթ, արևը դեռ մայր չմտած, նրանք բոլորը այրված կլինեն։ | ||
− | Եվ նրանք սկսեցին դոն Կիխոտին հարց ու փորձ անել, սակայն նա չուզեց նրանց բան պատմել, միայն խնդրեց, որ իրեն ուտելու բան տան և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։ Նրա ցանկությունը կատարեցին, ապա թե քահանան մանրամասն հարց ու փորձ արեց գյուղացուց, թե նա ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե՛ գետնին պառկած, թե՛ էշով գնալիս։ Այս տեղեկություններից հետո մեր լիցենցիատի մեջ առավել ևս | + | Եվ նրանք սկսեցին դոն Կիխոտին հարց ու փորձ անել, սակայն նա չուզեց նրանց բան պատմել, միայն խնդրեց, որ իրեն ուտելու բան տան և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։ Նրա ցանկությունը կատարեցին, ապա թե քահանան մանրամասն հարց ու փորձ արեց գյուղացուց, թե նա ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե՛ գետնին պառկած, թե՛ էշով գնալիս։ Այս տեղեկություններից հետո մեր լիցենցիատի մեջ առավել ևս ամրացավ իր ծրագիրն ի կատար ածելու ցանկությունը։ Նա այդպես էլ արեց՝ հետևյալ օրը նա անցավ իր բարեկամի՝ դալլաք վարպետ Նիկոլասի ետևից և նրանք երկուսով գնացին դոն Կիխոտի տունը։ |
==Գլուխ VI== | ==Գլուխ VI== | ||
Տող 656. | Տող 658. | ||
― Ապա վերցրեք, պարոն լիցենցիատ, ― ասաց նա, ― և ցողեցեք սենյակը, թե չէ մեկն ու մեկը այն անիծյալ կախարդներից, որոնցով այդ գրքերը լիքն են, դուրս կպրծնի և կկախարդի մեզ և վրեժը կհանի, որ մենք ուզում ենք նրանց ջինսը խայտառակել և ջնջել աշխարհիս երեսից։ | ― Ապա վերցրեք, պարոն լիցենցիատ, ― ասաց նա, ― և ցողեցեք սենյակը, թե չէ մեկն ու մեկը այն անիծյալ կախարդներից, որոնցով այդ գրքերը լիքն են, դուրս կպրծնի և կկախարդի մեզ և վրեժը կհանի, որ մենք ուզում ենք նրանց ջինսը խայտառակել և ջնջել աշխարհիս երեսից։ | ||
− | Տնտեսուհու պարզամտությունն ստիպեց լիցենցիատին խնդալ, և նա խնդրեց, որ դալլաքը | + | Տնտեսուհու պարզամտությունն ստիպեց լիցենցիատին խնդալ, և նա խնդրեց, որ դալլաքը գրքերը մեկը մյուսի ետևից տա իրեն, որպեսզի ինքը պարզի, թե նրանց մեջ ինչից է խոսվում, չէ՞ որ կարող է պատահել, որ նրանցից մի քանիսը արժանի չլինեն մահապատժի կրակի միջոցով։ |
― Չէ, չէ, ― բացականչեց դոն Կիխոտի քրոջ աղջիկը, ― պետք չէ նայել նրանցից և ոչ մեկին, նրանք բոլորն էլ մեր ցավին մեղապարտ են։ Ամենից լավը կլինի, եթե մենք լուսամուտից դուրս թափենք բակը, մի կույտ անենք և վառենք, կամ թե ասենք անասնաբակը ու այնտեղ խարույկ վառենք՝ այնտեղից ծուխը մեզ անհանգիստ չի անի։ | ― Չէ, չէ, ― բացականչեց դոն Կիխոտի քրոջ աղջիկը, ― պետք չէ նայել նրանցից և ոչ մեկին, նրանք բոլորն էլ մեր ցավին մեղապարտ են։ Ամենից լավը կլինի, եթե մենք լուսամուտից դուրս թափենք բակը, մի կույտ անենք և վառենք, կամ թե ասենք անասնաբակը ու այնտեղ խարույկ վառենք՝ այնտեղից ծուխը մեզ անհանգիստ չի անի։ | ||
Տող 668. | Տող 670. | ||
― Այո՛, դուք արդարացի եք, ― պատասխանեց քահանան, ― նկատի կառնենք այդ և առժամապես նրան կբաշխենք կյանքը։ Իսկ հիմա տեսնենք, թե նրա կողքին ինչ կա։ | ― Այո՛, դուք արդարացի եք, ― պատասխանեց քահանան, ― նկատի կառնենք այդ և առժամապես նրան կբաշխենք կյանքը։ Իսկ հիմա տեսնենք, թե նրա կողքին ինչ կա։ | ||
− | ― Ամադիս Գաղղիացու օրինական որդու՝ Էսպլանդիանի սխրագործությունները,<ref> | + | ― Ամադիս Գաղղիացու օրինական որդու՝ Էսպլանդիանի սխրագործությունները,<ref>Սովորաբար այդպես է բացատրվում «Las Sergas de Esplandian» վեպի վերնագիրը․ թեև գույություն ունի sergas բառի ուրիշ բացատրություն ևս, այսինքն՝ «հյուսած գորգեր, գոբելեններ»։ Այդ դեպքում վերնագիրը կունենա «Էսպլանդիանի մետաքսյա գորգեր» նշանակությունը (այսինքն՝ գորգեր, որոնց վրա հյուսված է Էսպլանդիանի սխրագործությունների նկարը։</ref> ― ասաց դալլաքը։ |
― Ճշմարիտն ասած, ― նկատեց քահանան, ― հոր արժանիքները չեն փրկում որդուն։ Ապա վերցրեք, տիրուհի տնտեսուհի, բաց արեք լուսամուտն ու բակը նետեցեք՝ նա կդառնա հիմքը պատրաստվող խարույկի։ | ― Ճշմարիտն ասած, ― նկատեց քահանան, ― հոր արժանիքները չեն փրկում որդուն։ Ապա վերցրեք, տիրուհի տնտեսուհի, բաց արեք լուսամուտն ու բակը նետեցեք՝ նա կդառնա հիմքը պատրաստվող խարույկի։ | ||
Տող 714. | Տող 716. | ||
― Ես ունեմ իտալերենը, ― ասաց դալլաքը, ― միայն թե բան չեմ հասկանում։ | ― Ես ունեմ իտալերենը, ― ասաց դալլաքը, ― միայն թե բան չեմ հասկանում։ | ||
− | ― Ձեզ պետք էլ չէ հասկանալ, ― առարկեց քահանան, ― և մենք սիրով կներեինք նույնը սինյոր կապիտանին,<ref>Նկատի է առնվում Խերո՛նիմո դե Ուրտեան՝ Արիոստոյի իսպաներենի վատ թարգմանության | + | ― Ձեզ պետք էլ չէ հասկանալ, ― առարկեց քահանան, ― և մենք սիրով կներեինք նույնը սինյոր կապիտանին,<ref>Նկատի է առնվում Խերո՛նիմո դե Ուրտեան՝ Արիոստոյի իսպաներենի վատ թարգմանության հեղինակը (1556)։</ref> որովհետև նա հակառակ դեպքում չէր տարածի Իսպանիայում այդ գիրքը՝ այն կաստիլցի դարձնելով, մի բան, որ զրկում է նրան իր բազմաթիվ բնական հատկություններից։ Ասենք նույնն են անում նրանք, ովքեր փորձում են թարգմանել ոտանավորները, որովհետև թարգմանիչներն ինչքան էլ ջանասեր և հմուտ լինեն, նրանք երբեք չեն հասնի այն կատարյալ ձևին, ինչ ձևով նրանք առաջին անգամ ծնվել են։ Ուստի սրա, ինչպես և մնացած ֆրանսիական պատմության գրքերի նկատմամբ, որ գտնվելու լինեն այս գրադարանում, ես առաջարկում եմ այսպես վարվել՝ դարսել չորացած ջրհորի հատակին և այնտեղ պահել, մինչև որ ծանր ու բարակ խորհելուց հետո մենք կորոշենք թե ինչ անենք, բացառությամբ, սակայն, Բերնարդո դել Կարպիոյից, որ անշուշտ այստեղ նույնպես ապաստանած կլինի, մեկ էլ Ռոնսևալից։ Եթե սրանք իմ ձեռքն ընկնելու լինեն, ես իսկույն կհանձնեմ տնտեսուհուն, իսկ նա, առանց ներման նշույլի, կրակի գիրկը կնետի։ |
Դալլաքը համաձայնեց սրան և հայտարարեց, որ այս ամենը ճիշտ ու ճշմարիտ է, որովհետև նա գիտեր, որ քահանան այնքան բարի քրիստոնյա է և այնպիսի բարեկամ ճշմարտության, որ ոչ մի բան աշխարհիս երեսին նրան չի կարող հակառակը ասել տալ։ Ապա նա բաց արեց հետևյալ գիրքը՝ դա Օլիվացի Պալմերինն էր, որի կողքին կանգնած էր մի ուրիշը, որի վերնագիրն էր՝ Պալմերին Անգլիացի։ Տեսնելով սրանց՝ լիցենցիատն ասաց. | Դալլաքը համաձայնեց սրան և հայտարարեց, որ այս ամենը ճիշտ ու ճշմարիտ է, որովհետև նա գիտեր, որ քահանան այնքան բարի քրիստոնյա է և այնպիսի բարեկամ ճշմարտության, որ ոչ մի բան աշխարհիս երեսին նրան չի կարող հակառակը ասել տալ։ Ապա նա բաց արեց հետևյալ գիրքը՝ դա Օլիվացի Պալմերինն էր, որի կողքին կանգնած էր մի ուրիշը, որի վերնագիրն էր՝ Պալմերին Անգլիացի։ Տեսնելով սրանց՝ լիցենցիատն ասաց. | ||
Տող 728. | Տող 730. | ||
Տնտեսուհին ո՛չ հիմար էր, ո՛չ էլ խուլ։ Նա ավելի սիրով կայրեր աշխարհիս բոլոր գրքերը, քան ամենանուրբ քաթան կհյուսեր։ Նա միանգամից ութ հատ խոշոր հատոր խտտելով լուսամուտից դուրս գցեց։ Բայց որովհետև նա շատ էր վերցրել, գրքերից մեկը վայր ընկավ դալլաքի ոտների մոտ։ Սա կամեցավ տեսնել գրքի անունը և կարդաց՝ Հռչակավոր ասպետ Տիրանա Ճերմակի պատմությունը։ | Տնտեսուհին ո՛չ հիմար էր, ո՛չ էլ խուլ։ Նա ավելի սիրով կայրեր աշխարհիս բոլոր գրքերը, քան ամենանուրբ քաթան կհյուսեր։ Նա միանգամից ութ հատ խոշոր հատոր խտտելով լուսամուտից դուրս գցեց։ Բայց որովհետև նա շատ էր վերցրել, գրքերից մեկը վայր ընկավ դալլաքի ոտների մոտ։ Սա կամեցավ տեսնել գրքի անունը և կարդաց՝ Հռչակավոր ասպետ Տիրանա Ճերմակի պատմությունը։ | ||
− | ― Տեր ողորմյա, ― գոչեց բարձրաձայն քահանան, ― մի՞թե Տիրանա Ճերմակն այստեղ է։ Շուտով տվեք ինձ նրան, սիրելի խնամի։ Հավատացած եղեք, որ ձեր առջև են հաճույքի գանձ և զվարճալիքների անսպառ աղբյուր։ Նրա մեջ նկարագրված են արի ասպետ դոն Կիրիելեյսոն Մոնտալբանցին, նրա եղբայր Թոմաս Մոնտալբանցին և Ֆոնսեկա ասպետը։ Նրա մեջ պատմված է արի Տիրանտի մարտի մասին շան դեմ, Պլասերդեմիվիդա աղջկա խորամանկության մասին, Ռեսպոսադա այրիի սիրաբանությունների և բանսարկությունների մասին, կայսրուհու մասին, որ սիրահարված է եղել իր կառապան Հիպպոլիտին։ Սուտ ասած չեմ լինի, սինյոր խնամի, ըստ ոճի՝ դա աշխարհիս ամենալավ գիրքն է՝ ասպետներն ուտում, քնում, մեռնում են իրենց մահճակալների վրա, մեռնելուց առաջ կտակ են գրում և հազար ուրիշ օգտակար բաներ, որ այդ տեսակի այլ վեպերում չեն հիշատակվում։ Եվ այնուհանդերձ, ասում եմ ձեզ, հեղինակն արժանի է իր օրերն ավարտելու տաժանակիր աշխատանքի մեջ, որովհետև այդ բոլոր ախմախությունը նա հիմարաբար է գրել։ Վերցրեք այդ գիրքը, կարդացեք և դուք կտեսնեք, որ իմ բոլոր ասածները զուտ ճշմարտություն են։ | + | ― Տեր ողորմյա, ― գոչեց բարձրաձայն քահանան, ― մի՞թե Տիրանա Ճերմակն այստեղ է։ Շուտով տվեք ինձ նրան, սիրելի խնամի։ Հավատացած եղեք, որ ձեր առջև են հաճույքի գանձ և զվարճալիքների անսպառ աղբյուր։ Նրա մեջ նկարագրված են արի ասպետ դոն Կիրիելեյսոն Մոնտալբանցին, նրա եղբայր Թոմաս Մոնտալբանցին և Ֆոնսեկա ասպետը։ Նրա մեջ պատմված է արի Տիրանտի մարտի մասին շան դեմ, Պլասերդեմիվիդա աղջկա խորամանկության մասին, Ռեսպոսադա այրիի<ref>Մի շարք զավեշտական այլաբանական անուններ։ Quirieleison նշանակում է «տեր ողորմեա», Placerdemavida՝ «իմ կյանքի սփոփանք», Reposoda՝ «հաճոյական, գոհացողական»։</ref> սիրաբանությունների և բանսարկությունների մասին, կայսրուհու մասին, որ սիրահարված է եղել իր կառապան Հիպպոլիտին։ Սուտ ասած չեմ լինի, սինյոր խնամի, ըստ ոճի՝ դա աշխարհիս ամենալավ գիրքն է՝ ասպետներն ուտում, քնում, մեռնում են իրենց մահճակալների վրա, մեռնելուց առաջ կտակ են գրում և հազար ուրիշ օգտակար բաներ, որ այդ տեսակի այլ վեպերում չեն հիշատակվում։ Եվ այնուհանդերձ, ասում եմ ձեզ, հեղինակն արժանի է իր օրերն ավարտելու տաժանակիր աշխատանքի մեջ, որովհետև այդ բոլոր ախմախությունը նա հիմարաբար է գրել։ Վերցրեք այդ գիրքը, կարդացեք և դուք կտեսնեք, որ իմ բոլոր ասածները զուտ ճշմարտություն են։ |
― Ես այդպես էլ կանեմ, ― պատասխանեց դալլաքը, ― իսկ մնացած մանր գրքե՞րն ինչ անենք։ | ― Ես այդպես էլ կանեմ, ― պատասխանեց դալլաքը, ― իսկ մնացած մանր գրքե՞րն ինչ անենք։ | ||
Տող 779. | Տող 781. | ||
― Ես էլ նրա հետ կարտասվեի, եթե հրամայած լինեի այդպիսի մի գիրք կրակը նետել։ Նրա հեղինակը ամենահռչակավոր պոետներից մեկն է ո՛չ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում։ Նա մեծ վարպետությամբ թարգմանել է Օվիդիոսի առասպելներից մի քանիսը։ | ― Ես էլ նրա հետ կարտասվեի, եթե հրամայած լինեի այդպիսի մի գիրք կրակը նետել։ Նրա հեղինակը ամենահռչակավոր պոետներից մեկն է ո՛չ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում։ Նա մեծ վարպետությամբ թարգմանել է Օվիդիոսի առասպելներից մի քանիսը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ VII== | ||
+ | |||
+ | Մեր բարի ասպետ դոն Կիխոտ Լամանչեցու երկրորդ արշավի մասին | ||
+ | |||
+ | |||
+ | Նույն այդ րոպեին նրանք լսեցին դոն Կիխոտի ձայնը․ | ||
+ | |||
+ | ― Այստե՛ղ, այստե՛ղ, ասպետնե՜ր, ― ճչում էր նա, ― հասել է ժամը ցույց տալու, ձեր հզոր բազուկների ուժը։ Այս պալատական ասպետները կամենում են հափշտակել հաղթանակը մրցության մեջ։ | ||
+ | |||
+ | Պետք էր թողնել մնացած գրքերն առանց քննության և դուրս վազել աղմուկ աղաղակի վրա։ Պետք է կարծել, թե Կարոլեան և Լևոն Իսպանացին, դոն Լուիս դե Ավելայի Կայսեր գործերի հետ միասին, որ անշուշտ արժանի են ներման, առանց դատի և հարցաքննության կրակն ընկան, թեև հնարավոր է, որ եթե քահանան նրանց տեսած լիներ, նա այդքան խիստ դատավճիռ չէր արտասանի։ | ||
+ | |||
+ | Ներս մտնելով ննջարանը, նրանք տեսան, որ դոն Կիխոտը արդեն վեր է կացել անկողնից, աղաղակում է, աղմկում և տանում֊բերում, խփում ու ծակում, այնքան առույգ, որ կարծես թե դրանից առաջ նա քնած չի էլ եղել։ Նրան բռնեցին և բռնի դրին անկողնու մեջ, ապա թե նա, մի քիչ հանգստացած, դարձավ քահանային հետևյալ խոսքերով․ | ||
+ | |||
+ | ― Ճշմարտապես, սինյոր արքեպիսկոպոս Տուրպին, մեծ ամոթ նրանց, որոնց մենք տասներկու պերեր ենք կոչում, որ նրանք, առանց մի խոսքի, թույլ են տալիս պալատականներին հափշտակել այս մրցության հաղթանակը։ Մինչդեռ երեք օրվա ընթացքում բոլոր հաղթությունները մենք՝ թափառական ասպետներս ենք տարել։ | ||
+ | |||
+ | ― Հանգստացեք, ձերդ ողորմածություն, սինյոր խնամի, ― պատասխանեց քահանան։ ― Աստուծով վաղը բախտը կփոխվի և այն, ինչ մենք այսօր կորցրինք, վաղը կվերադարձնենք, դեռ ավելին։ Իսկ հիմա թող ձեր ողորմածությունը մտածի իր առողջության մասին, որովհետև ինձ թվում է, որ դուք, եթե վիրավորված էլ չեք, անշուշտ ծայր աստիճան հոգնած կլինեք։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ես վիրավորված չեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն իրոք բավական ջարդված ու տրորված եմ։ Այն ապօրինի ծնունդ դոն Ռոլդանը<ref>Ռոլանդ անվան իսպանական ձևը։</ref> ինձ հարվածեց կաղնու բնով և նախանձից դրդված։ Չէ՞ որ ես եմ նրա միակ մրցակիցը ասպետական գործերում։ Սակայն ինձ այլևս Ռեյնալդո Մոնտալբանցի մի՛ կոչեք, անկողնուց վեր կացա թե չէ, ես նրա հախիցը կգամ, ինչպես էլ նա կախարդված լինի։ Իսկ հիմա ինձ համար նախաճաշ բերեք, որովհետև ներկայիս ես ամենից շատ կարոտ եմ կազդուրվելու, իսկ նրանից վրեժ առնելն արդեն իմ գործն է։ | ||
+ | |||
+ | Նրանք այդպես էլ արին՝ դոն Կիխոտի համար ուտելու բան բերին, ապա թե նա կրկին քնեց, իսկ նրանք կրկին զարմացան նրա խելագարությունից։ | ||
+ | |||
+ | Նույն գիշերը տնտեսուհին վառեց բոլոր գրքերը, թե՛ բակը նետածները, թե՛ տանը մնացածները, որոնց մեջ անշուշտ այրվեցին նաև այնպիսիները, որ արժանի են առմիշտ պահելու հանրային դիվաններում։ Սակայն այդպես էր բախտի կամքը, քննությունը կատարված էր անփույթ և այդպիսով գրքերի բախտի վրա արդարացավ առածը՝ մեղավորների երեսից հաճախ տուժում են նաև արդարները։ | ||
+ | |||
+ | Իբրև առաջին դեղ իրենց բարեկամի հիվանդության դեմ քահանան ու դալլաքը խորհեցին պատ շարել և ծածկել գրադարանի դուռը, այնպես որ վեր կենալուց հետո նա չկարողանա գտնել գրքերը (նրանք հույս ունեին, որ վերացնելով պատճառը, կվերացնեն նաև հետևանքները)։ Իրար մեջ որոշված էր ասել դոն Կիխոտին, որ մի կախարդ թռցրել է սենյակը, գրքերն էլ հետը։ Այդ ամենը կատարվեց մեծ փութկոտությամբ։ Երկու օր անց դոն Կիխոտը վեր կացավ և նրա առաջին գործը գնալ գրքերին նայելն էր։ Չգտնելով տեղը, որտեղ նրանք գտնվում էին, նա սկսեց թափառել ողջ տունը և որոնել նրանց բոլոր սենյակներում։ Նա մոտենում էր այն տեղին, որտեղ առաջ դուռ կար, և լռելայն ձեռք էր տալիս մատներով, աջ ու ձախ նայում։ Վերջապես երկար փնտրուքներից հետո նա հարցրեց տնտեսուհուց, թե որ կողմն է մատենադարնը։ Իսկ սա, նախապես սովորեցրած լինելով՝ պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Մատենադարա՞նը։ Այդ ի՞նչ եք որոնում, ձերդ ողորմածություն։ Մատենադարան չկա՜, և ո՛չ մի գիրք՝ դևն այդ ամենն տարել է։ | ||
+ | |||
+ | ― Իսկի էլ դևը չի, ― առարկեց քրոջ աղջիկը, ― այլ կախարդը։ Եկավ մի գիշեր ամպի վրա բազմած, ձեր ողորմության պարտեզից գնալուց հետո և իջնելով վիշապից, որի վրա հեծել էր, ներս մտավ մատենադարանը և էլ չգիտեմ, թե ինչ արեց նա այնտեղ, միայն թե պահ մի անց կտուրից թռավ դուրս, իսկ տունը լցվեց ծխով։ Երբ որ մենք սիրտ արինք նայելու, թե ինչ արեց նա, արդեն ոչ գիրք կար, ոչ սենյակ։ Ե՛ս էլ, տնտեսուհի՛ն էլ, միայն մի բան ենք լավ հիշում՝ երբ որ այդ չար ծերուկը թռչում֊գնում էր, նա բարձրաձայն գոռաց թե՝ գաղտնի թշնամանքից գրքերի և սենյակի տիրոջ դեմ նա մեծ վնաս հասցրեց և թե մենք հետագայում կտեսնենք, թե ինչ վնաս։ Եվ նա ավելացրեց, որ կոչվում է իմաստուն Մունյատոն։ | ||
+ | |||
+ | ― Մունյատոն չէ, այլ Ֆրեստոն, ― ընդհատեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ես ի՞նչ իմանամ, ― պատասխանեց աղջիկը, ― Ֆրեստոն է, թե Ֆրիտոն, հիշում եմ միայն, որ անունը վերջանում էր տոն֊ով։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է որ կա, ― ասաց դոն Կիխոտը, ― դա մի իմաստուն կախարդ է, իմ ոխերիմ թշնամին, որ ոխ ունի, որովհետև իր արվեստի և գրքերի շնորհիվ նա իմացել է, թե հասնելու է ժամը, և ես մենամարտելու եմ մի ասպետի հետ, որին նա հովանավորում է և թե ինձ վիճակված է հաղթելու՝ հակառակ նրա բոլոր ճիգերին։ Ահա թե ինչու նա աշխատում է ինձ ամեն տեսակ անախորժություն պատճառել։ Սակայն հավատացնում եմ, որ նա սխալվում է և չի խուսափի երկնքի նախախնամությունից։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ կարող է կասկածել որ, ― ասաց քրոջ աղջիկը։ ― Սակայն ձերդ ողորմածություն, սինյոր քեռի, ո՞վ է հարկադրում ձեզ մտնելու բոլոր այդ կռիվների մեջ։ Ավելի լավ չէ՞ տանը խաղաղ նստել, քան թափառել աշխարհովս մեկ՝ թռչնի կաթ որոնելու համար։ Խոմ գիտեք՝ պատահում է, որ մարդ բրդի հետևից է ընկնում և ինքն է խուզված վերադառնում։ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, քրոջ աղջիկ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― ի՜նչ վատ ես դու այդ բանը հասկացել։ Առաջ քան ինձ խուզեն, ես ինքս կպոկեմ և կփետեմ բոլորի միրուքը, ովքեր միայն հանդգնեն իմ մի հատիկ մազին դիպչելու։ | ||
+ | |||
+ | Կանայք որոշեցին այլևս չառարկել, որպեսզի չդրդեն նրա զայրույթը։ | ||
+ | |||
+ | Սրանից հետո դոն Կիխոտը ամբողջ տասնհինգ օր խաղաղ նստեց տանը՝ ոչ մի բանով չարտահայտելով իր ցանկությունը շարունակելու իր առաջվա գժությունները։ Այդ օրերի ընթացքում նա քանիցս զվարճալի զրույցներ ունեցավ իր երկու բարեկամների՝ քահանայի և դալլաքի հետ, այն մասին, թե աշխարհս ոչ մի բանի այնքան կարիք չունի՝ ինչքան թափառական ասպետների, և թե ինքը պիտի հարություն տա թափառական ասպետությանը։ Երբեմն քահանան ընդդիմախոսում էր նրան, իսկ երբեմն առերես համաձայնում, որովհետև առանց այդ խորամանկությունը բանեցնելու հնարավոր չէր լինի ապացուցելու նրան իր մոլորությունը։ | ||
+ | |||
+ | Միևնույն միջոցին դոն Կիխոտն սկսեց համոզել մի գյուղացու, իր հարևանին, բարի մի մարդու (եթե կարելի է այդպիսի մի անուն տալ, աղքատ մի մարդու), բայց ծերը պակաս։ Վերջ ի վերջո նա այնքան համոզեց, այնքան խոսեց ու խոստացավ, որ խեղճ գյուղացին համաձայնեց գնալ նրա հետ, որպես զինակիր։ Ի միջի այլոց դոն Կիխոտը նրան խորհուրդ տվեց երկար ու բարակ չխորհել և անմիջապես ելնել թափառելու։ Ձեռնտու կլինի, որովհետև կարող է մի այնպիսի արկած պատահի, որ ինքը ձեռաց մի կղզի կնվաճի և նրան կնշանակի կառավարիչ։ Այս և նման խոստումների ազդեցության տակ Սանչո Պանսան (այդպես էր կոչվում գյուղացին) թողեց կնոջն ու երեխաներին և մտավ ծառայության իր հարևանին, իբրև զինակիր։ | ||
+ | |||
+ | Ապա դոն Կիխոտը սկսեց փող հավաքել՝ մի բան ծախեց, մյուսը գրավ դրեց և մեծ վնասով բավական գումար հավաքեց։ Բացի այդ, իր բարեկամներից մեկից նա փոխ վերցրեց մի կլոր վահան, կարգի բերեց, ինչքան կարող էր, ջարդված սաղավարտը և նախազգուշացրեց իր զինակիր Սանչոյին, որ այսինչ օրն ու ժամը նա մտադիր է ճամփա ընկնելու, այնպես որ ինքն էլ պատրաստություն տեսներ։ Դոն Կիխոտը հատկապես պնդում էր, որ Սանչոն չմոռանա ճամփորդական պայուսակ վերցել։ Վերջինս խոստացավ, որ չի մոռանա և ասաց, որ իր երևելի էշն էլ կվերցնի հետը, որովհետև ոտով գնալու համար իր կազմվածքն այնքան էլ հարմար չէ։ Այդ հանգամանքը մի քիչ շփոթեցրեց դոն Կիխոտին, և նա աշխատում էր մտաբերել՝ ունեցե՞լ են արդյոք թափառական ասպետները զինակիրներ, որոնք էշով են գնալիս եղել, սակայն միտքը ոչ մի դեպք չէր գալիս։ Այնուհանդերձ նա համաձայնեց, հավատացած լինելով, որ առաջին իսկ հարմար դեպքում, առաջին իսկ հանդիպումի պահին որևէ անպարկեշտ ասպետի հետ, նրանից կխլի ձին և այդ ավելի պատվավոր կենդանին կտա իր զինակրին։ Վերջապես նա շապիկների և այլ անհրաժեշտ իրեղենների պաշար տեսավ՝ հետևելով պանդոկապանի տված խորհուրդներին։ Երբ որ ամեն ինչ կազմ ու պատրաստ էր, մի գիշեր նրանք երկուսով աննկատ դուրս եկան գյուղից։ Սանչոն անգամ մնաք բարով չասաց կնոջն ու երեխաներին, իսկ դոն Կիխոտը՝ տնտեսուհուն ու քրոջ աղջկան։ Ողջ գիշերը նրանք առաջ ընթացան, այնպես որ երբ լույսը բացվեց, այլևս երկյուղ չկար, որ նրանց կարող են գտնել, եթե որոնելու էլ լինեն։ | ||
+ | |||
+ | Սանչո Պանսան, բեռնավորված պայուսակով և տիկով, բազմել էր իր էշի վրա, ասես պատրիարք լիներ։ Նա շատ էր ուզում շուտով խոստացած կղզու կառավարիչ դառնալ։ Դոն Կիխոտը պատահմամբ շուռ տվեց այն ճամփի վրա, որով նա գնաց առաջին անգամ, այսինքն՝ Մոնտելի հովիտը, միայն թե հիմա նա ավելի հաճույքով էր գնում, որովհետև ժամը վաղորդյան էր և արևի շեղ ճառագայթները նրան անհանգիստ չէին անում։ Այստեղ Սանչո Պանսան ասաց իր տիրոջը․ | ||
+ | |||
+ | ― Տեսեք հա՜, ձերդ ողորմածություն, սինյոր թափառական ասպետ, չմոռանաք ձեր խոստումը կղզու վերաբերյալ՝ ինչքան էլ մեծ լինի, ես գիտեմ, թե ինչպես կկառավարեմ։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Իմացած եղիր, իմ բարեկամ Սանչո Պանսա, որ հին ժամանակվա թափառական ասպետների միջև շատ տարածված սովորույթ է եղել իրենց զինակիրներին նշանակելու նվաճած կղզիների կամ թագավորությունների կառավարիչ, և ես հաստատ որոշել եմ այդ գովելի սովորույթը վերականգնել։ Ավելին, ես կամենում եմ ավելի հեռուն գնալ՝ իմ նախորդները երբեմն կամ ավելի ճիշտ՝ միշտ սպասում էին, մինչև որ իրենց զինակիրները ծերանան և ծառայությունից ուժասպառվեն, շատ դժնի օրեր և ավելի վատթար գիշերներ անց կացնեն, ապա թե շնորհում էին նրանց որևէ հովտի կամ գավառի մարկիզություն կամ կոմսություն և նույնիսկ ավելի պակաս բան։ Իսկ ես, ― եթե մենք երկուսս էլ կենդանի մնացինք, ― հնարավոր է, որ մի վեց օրից նվաճեմ այնպիսի թագավորություն, որին հպատակված լինեն մի քանի ուրիշները և, որ քեզ ավելի հարմար գա, կտամ քեզ՝ թագադրելով քեզ արքա։ Չկարծես, թե ես չափազանցում եմ թափառական ասպետներին այնպիսի պատմություններ ու դեպքեր են պատահում, որ ոչ ոք ո՛չ տեսել է, ո՛չ երևակայել, այնպես որ ես հեշտությամբ կարող եմ նվիրել քեզ խոստացածիցս էլ ավելին։ | ||
+ | |||
+ | ― Ասել է թե, ― պատասխանեց Սանչոն, ― եթե, ոնց որ ձերդ ողորմածությունն է ասում, ես հրաշքով թագավոր դառնամ, իմ կնիկս էլ, Խուանա Գուտիերրեսը, առնվազն թագուհի կլինի, իսկ բալիկներս՝ թագաժառանգեր։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է կասկածում որ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ես եմ կասկածում, ― պատասխանեց Սանչո Պանսան, ― որովհետև, եթե Աստծու կամոք թագերը անձրևի պես թափվելու լինեին երկրի վրա, այն ժամանակ էլ, կարծեմ, ոչ մեկը Մարի Գուտիերրեսի գլխին չէր գա։ Ախր նա, ինչպես թագուհի, երկու գրոշ չարժե։ Կոմսությունը՝ այ դա՛, թերևս, նրան սազեր, այն էլ Աստծո օգնությամբ։ | ||
+ | |||
+ | ― Է՛հ, այդ գործում ապավինիր Աստծուն, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Աստված նրան կտա այն, ինչ իրեն ավելի հարմար լինի։ Իսկ դու մի նվաստացնի քեզ և ավելի պակասով, քան նահանգապետությամբ, մի՛ բավարարվիր։ | ||
+ | |||
+ | ― Մտքովս էլ չի անցնի, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― մանավանդ որ ես այնպիսի հզոր տեր ունեմ, ինչպես ձերդ ողորմածությունն է՝ անշուշտ դուք կնվիրեք ինձ այն, ինչ որ ինձ ավելի հարմար ու հաճելի լինի։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ VIII== | ||
+ | |||
+ | Փառավոր հաղթանակի մասին, որ տարավ արի դոն Կիխոտը սարսափելի և աներևակայելի արկածում քամաղացների դեմ, ինչպես և այլ անցքերի մասին, որ արժանի են հաճելի հիշատակության։ | ||
+ | |||
+ | |||
+ | Այստեղ նրանք տեսան երեսուն թե քառասուն քամաղաց՝ կանգնած դաշտի մեջ։ Նկատելով նրանց՝ դոն Կիխոտն ասաց իր զինակրին․ | ||
+ | |||
+ | ― Բարի բախտը ավելի լավ է ղեկավարում մեր գործերը, քան մենք կարող էինք ցանկանալ։ Այն կողմը նայիր, Սանչո Պանսա բարեկամ, տեսնո՞ւմ ես, այնտեղ երեսուն ահեղ հսկաներ, գուցե էլ ավելի։ Իսկույն ես կմարտնչեմ նրանց դեմ և կկոտորեմ բոլորին, մինչև վերջինը։ Այս ավարը կդառնա մեր հարստության սկիզբը, որովհետև այս մարտն արդար է և հաճո Աստծուն, որ սույն չար սերմը վերացած լինի աշխարհի երեսից։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ հսկաներ են որ, ― հարցրեց Սանչո Պանսան։ | ||
+ | |||
+ | ― Այն, որ քո առջև են, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Տեսնո՞ւմ ես, ինչ ահագին ձեռներ ունեն։ Ոմանց ձեռների երկարությունը գրեթե երկու մղոն է։ | ||
+ | |||
+ | ― Հավատացեք, ձերդ ողորմածություն, ա՛յն, ինչ այստեղ երևում է, իսկի էլ հսկաներ չեն, այլ քամաղացներ, իսկ ա՛յն, ինչ դուք ձեռների տեղ եք դնում, թևեր են, որ պտույտ են գալիս քամուց և պտտացնում ջաղացքարերը։ | ||
+ | |||
+ | ― Իսկույն երևում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ արկածների գործում դու դեռ սկսնակ ես։ Այդ ― հսկաներ են։ Եթե դու վախենում ես, ապա մի կողմ քաշվիր և աղոթք ասա, իսկ ես այդ միջոցին կմտնեմ դժնակ և անհավասար մարտի մեջ նրանց դեմ։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերով նա խթանեց Ռոսինանտի կողերը, առանց Սանչոյի ճիչերին ուշ դարձնելու, որ հավատանցում էր նրան, որ անտարակույս նա ոչ թե հսկաների վրա կհարձակվի, այլ քամաղացների վրա։ Դոն Կիխոտը, հաստատ համոզված լինելով, որ իր առջև հսկաներ են, ականջ չդրեց իր զինակիր Սանչոյի ճիչերին և չճանաչեց ջրաղացները, չնայած որ սրանք բոլորովին մոտիկ էին։ Նա թռչում է առաջ՝ բարձրաձայն բացականչելով․ | ||
+ | |||
+ | ― Մի՛ք փախչի, վատահոգի և ստոր արարածներ, որովհետև ձեզ վրա հարձակվողը մեն֊մենակ ասպետ է։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին թեթև քամի բարձրացավ և ահագին թևերն սկսեցին պտտվել։ Նկատելով այդ՝ դոն Կիխոտը շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք ավելի շատ ձեռներ ունենայիք, քան ինքը՝ հսկա Բրիայերը և դուք թափահարեիք նրանք, դարձյալ չէիք կարող խուսափել հատուցումից։ | ||
+ | |||
+ | Այս ասելով և հոգին տիկին Դուլսինեային պահ տալով, խնդրելով նրա օգնությունը վտանգավոր վայրկյանին՝ նա՝ ծածկված վահանի ետևը, նիզակը ճոճելով, բաց թողեց Ռոսինանտի գլուխը, հարձակվեց մերձագույն քամաղացի վրա և նիզակը խրեց նրա թևը։ Այդ րոպեին քամին թափով պտույտ տվեց թևը և թևը փշուր֊փշուր անելով նիզակը, քաշեց իր ետևից և՛ ձիուն, և՛ ձիավորին, որոնք ամենաթշվառական վիճակում դեն թռան բավական հեռու տեղ։ Սանչոն իր էշի ողջ արագությամբ շտապեց իր տիրոջը օգնության և մոտենալով համոզվեց, որ տերը ի վիճակի չէ տեղից շարժվելու՝ այնքան ուժգին էր նա Ռոսինանտի հետ գետին տապալվել։ | ||
+ | |||
+ | ― Տեր ողորմյա՛, ― բացականչեց Սանչոն, ― չէ՞ի ասում ձեզ, ձերդ ողորմածություն, որ ավելի զգույշ լինեք, և որ դրանք քամաղացներ են։ Ախր դա միայն ա՛յն մարդու համար չի պարզ, որի գլուխը ջրաղաց է։ | ||
+ | |||
+ | ― Լռի՛ր, Սանչո բարեկամ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Ռազմական արհեստը, ավելի քան որևէ այլ բան, ենթակա է բախտի փոփոխականության։ Նամանավանդ որ, թվում է ինձ, (ասենք, իրոք հենց այդպես էլ է), այդ իմաստուն Ֆրեստոնը, որ փախցրեց իմ առանձնասենյակն ու գրքերը, հսկաներին էլ քամաղացներ դարձրեց, որպեսզի հաղթանակի փառքից ինձ զրկած լինի․ այդ աստիճան ուժգին է նրա թշնամանքը իմ նկատմամբ։ Սակայն վաղ թե ուշ նրա չար դյութանքը տեղի պիտի տա իմ թրին։ | ||
+ | |||
+ | ― Թո՛ղ Աստծու կամքը լինի, ― պատասխանեց Սանչոն։ Ապա նա օգնեց իր տիրոջը վեր կենալ և նորից հեծնել Ռոսինանտը, որի առաջին ոտները գրեթե ջարդված էին։ Չզրուցելով այդ արկածի շուրջը, նրանք առաջացան Պուերտո Լապիսեի ճամփով, որովհետև, դոն Կիխոտի ասելով, այնտեղ նրանց սպասում էին բազմաթիվ ու զանազան արկածներ, քանի որ այդ վայրում ճամփան շատ բանուկ է։ Մի բան միայն նրան վշտացնում էր՝ նիզակի կորուստը։ Իր ցավը Սանչոյին բաց անելուց հետ նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես կարդացել եմ, միտս է գալիս, Դիեգո Պերես դե Վարգաս անունով մի իսպանացի ասպետ, որի նիզակը մարտի միջոցին կոտրվեց։ Նա կոտրեց կաղնի ծառից մի ծանր ճյուղ, թերևս հենց բունը և այդ մահակով այնքան սխրագործություններ կատարեց այդ օրը և այնքան մավրեր սպանեց, որ նրան Մահակ անվանեցին և այն օրից ի՛նքն էլ, նրա սերո՛ւնդն էլ կոչվում են Վարգաս Մահակ։ Նրա համար եմ այդ ասում քեզ, որ ես էլ առաջին իսկ ճամփին մեզ հանդիպած կաղնուց կկոտրեմ մի ճյուղ ― իսկ և իսկ Վարգասինի նմանը ― և այդ ճյուղը ձեռքիս, հույս ունեմ, որ կկատարեմ այնպիսի մեծ սխրագործություններ, որ դու կօրհնես բախտը, որ քեզ արժանացրել է պատվին լինելու մասնակից և վկա այդ գործերի, որոնք հետագայում անհավանական են թվալու։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչ Աստծո ձեռին է, ― պատասխանեց Սանչոն, ― ես հավատում եմ ամենին, որ ձեր ողորմածությունը պատմում է։ Միայն թե ուղիղ նստեցեք, թե չէ ասես բոլորովին կախ ընկած լինեք մի կողքի․ երևի վայր ընկնելը ձեզ սաստիկ ցավ է պատճառել։ | ||
+ | |||
+ | ― Այո, այդ ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― և եթե ես չեմ գանգատվում ցավից, ապա նրանից է, որ թափառական ասպետներին վայել չէ գանգատվել վերքերից, թեկուզ նրանց աղիքները դուրս գալու լինեն։ | ||
+ | |||
+ | ― Դե որ այդպես է, ես ասելիք չունեմ, ― պատասխանեց Սանչոն, ― սակայն մենակ Աստծուն է հայտնի, թե ես ինչքան կուրախանայի, եթե ձերդ ողորմածությունը գանգատվեր, երբ որ մի տեղը ցավի։ Գալով ինձ՝ ես ամենաչնչին ցավից կճչամ, եթե միայն չգանգատվելու կանոնը չի վերաբերում նաև թափառական ասպետների զինակիրներին։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը չկարողացավ ծիծաղը պահել իր զինակրի պարզամտությունից, որ Սանչոյին թույլ է տրվում հեծել երբ և ինչպես կամենա, ունենալով պատճառ, թե առանց պատճառի, քանի որ ասպետական գրքերում նա մինչև հիմա հակառակ ցուցմունքների չի հանդիպել։ Սանչոն նկատեց, որ ժամանակ է արդեն բան ուտելու։ Դոն Կիխոտը պատասխանեց, թե ինքն առայժմս չի ուզում, բայց թե Սանչոն կարող է ուտել, երբ որ կամենա։ Տիրոջ թույլտվությունն առնելով, Սանչոն ավելի հարմար նստեց էշի վրա և պայուսակից հանելով իր պատրաստած պաշարը, սկսեց ուտել՝ շարունակելով կամաց֊կամաց գնալ դոն Կիխոտի ետևից։ Մերթ ընդ մերթ նա բերանը դնում էր տկին այնպիսի հաճույքով, որ նրան կնախանձեր յուրաքանչյուր ղոչաղ միկիտանչի Մալագայում։ Այսպես, դանդաղ քայլով, տմբտմբալով և կում֊կում գինի խմելով՝ նա իսպառ մոռացավ բոլոր խոստումների մասին, որ տվել էր նրան դոն Կիխոտը, և թվում էր նրան, թե արկածների որոնումներով թափառելը, անգամ վտանգավոր արկածների, բնավ աշխատանք չէ, այլ զուտ հաճույք։ | ||
+ | |||
+ | Վերջապես, երբ որ վրա հասավ գիշերը, մեր ճամփորդները պառկեցին ծառերի տակ, և դոն Կիխոտը, կոտրելով մի չորացած ճյուղ, որը մի կերպ կարող էր փոխարինել նիզակը, կպցրեց երկաթե ծայրը, որ պոկել էր կոտրած նիզակից։ Ամբողջ այդ գիշերը նա աչքերը խուփ չարեց, խորհելով իր տիրուհու՝ Դուլսինայի մասին, որպեսզի ոչ մի բանով տարբերված չլինի ասպետներից, որոնց մասին նա կարդացել էր վեպերում։ Քանի՜֊քանի՜ անքուն գիշերներ են անցկացրել նրանք անտառներում և անապատներում խորասուզված հուշերի մեջ իրենց սրտի սիրուհիների մասին։ Բոլորովին այլ կերպ անց կացրեց գիշերը Սանչոն։ Սրա փորը լիքն էր, այն էլ ցիկորի ջրով չէր լի,<ref>Այն ժամանակներում ընդունված սովորական քնաբեր միջոց, որն ավելի թույլ էր ներգործում, քան գինին։</ref> ուստի նա մեռածի պես քնեց մինչև առավոտ։ Եվ եթե դոն Կիխոտը նրան մի քանի անգամ ձայն չտար, նա չէր զարթնի ո՛չ արևի ճառագայթներից, որ ընկել էին նրա երեսին, ո՛չ էլ բազմաթիվ թռչունների ճռվողյունից, որ խնդությամբ ողջունում էին նոր օրվա ծագումը։ Ւսկ վեր կենալով, նա նախ և առաջ բերանը տարավ տկին և նկատելով, որ երեկվա պես կլորիկ չէ, վշտացավ, որովհետև նրան թվում էր, որ այդ պակասը շուտով չի աջողի լրացնել։ Դոն Կիխոտը չկամեցավ նախաճաշել, որովհետև, ինչպես մենք արդեն ասացինք, նա սնվում էր լոկ անուշ հուշերով։ Նրանք առաջ ընթացան Պուերտո Լապիսի ճամփով և ժամի երեքին մոտ կիրճին հասնելու վրա էին։ Տեսնելով հեռվից կիրճը՝ դոն Կիխոտն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այստեղ, եղբայր Սանչո Պանսա, մենք կարող ենք մեր ձեռները մինչև արմունկ կոխել արկած ասածիդ մեջ։ Սակայն նկատի ունեցիր՝ աշխարհիս ի՜նչ չարաչար վտանգների մեջ էլ ընկնելու լինեմ, դու չպիտի թուր քաշես ինձ պաշտպանելու համար, բացառությամբ միայն, եթե տեսնելու լինես, որ վրաս հարձակվող թշնամին ամբոխ է, թշվառ խուժան։ Այդ դեպքում միայն դու կարող ես ինձ օգնություն հասցնել։ Իսկ եթե նրանք ասպետներ լինեն, ապա ասպետական օրենքներով ոչ մի դեպքում վայել չէ և չի թույլատրվում, որ դու ինձ օգնես, քանի որ դու դեռ ասպետ չես կարգված։ | ||
+ | |||
+ | ― Կարող եք բոլորովին ապահով լինել, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― այդ հարցում ես կհնազանդեմ ձերդ ողորմածության, մանավանդ որ խաղաղ բնավորության տեր մարդ եմ և չեմ սիրում տուրուդմփոցի մեջ մտնել։ Բայց խղճի մտոք ասած՝ եթե հարկ լինի կաշիս պաշտպանելու, այն ժամանակ ոչ մի ասպետական օրենքի դնչին մտիկ չեմ տա, որովհետև և՛ աստվածային, և՛ մարդկային օրենքները թույլ են տալիս պաշտպանվելու վիրավորողներից։ | ||
+ | |||
+ | ― Նույնն էլ ե՛ս եմ ասում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Հիշի՛ր միայն, որ եթե կամենալու լինես ինձ պաշտպանել ասպետներից, դու պետք է սանձահարես քո բնական մոլեգնությունը։ | ||
+ | |||
+ | ― Խոստանում եմ, ― ասաց Սանչոն, ― կկատարեմ այդ պատվիրանը նույն սրբությամբ, ինչպես կիրակի օրը։ | ||
+ | |||
+ | Այսպես խոսակցելով, նրանք ճամփին հանդիպեցին ս․ Բենիտոյի ուխտի երկու վարդապետների, որոնք ուղտերի չափ բարձր ջորիներ էին հեծել, ճամբորդական ակնողներ էին դրել աչքերին և գլխներին ամպհովանի բռնել․ նրանց ետևից ընթանում էր մի կառք, շրջապատված չորս թե հինգ ձիավորներով և երկու ջորեպանով, որոնք ոտով էին գնում։ Ինչպես հետագայում պարզվեց, կառքով ինչ֊որ բիսկայեցի տիկին էր գնում, որ ուղևորվում էր Սևիլիա, որտեղ գտնվում էր նրա ամուսինը, որ շատ պատվավոր պաշտոն ստանալով պիտի Ամերիկա մեկներ։ Վարդապետները, թեև նույն ճամփով էին գնում, ինչ որ տիկինը, բայց անկախ էին ճամբորդում։ Դոն Կիխոտը նրանց տեսավ թե չէ, ասաց իր զինակրին․ | ||
+ | |||
+ | ― Կամ ես մոլորվում եմ, կամ մեզ այնպիսի նշանավոր արկած է սպասում, որպիսին դեռևս ոչ ոք չի տեսել, որովհետև սև կերպարանքները, որ երևում են, անկասկած կախարդներ են, որ փախցրել են ինչ֊որ իշխանուհի և տանում են կառքով։ Ես պիտի բոլոր ուժերս լարեմ, որպեսզի այս չար գոծը խափանեմ։ | ||
+ | |||
+ | ― Այդ հո քամաղացներից վատ կլինի, ― պատասխանեց Սանչոն։ ― Մի՞թե դուք չեք տեսնում, սինյոր, որ ձեր առջև ս․ Բենիտոյի վարդապետներ են, իսկ կառքով, երևի, որևէ ճամփորդներ են գնում։ Լսեցե՛ք ինձ և մի լավ խորհեցեք ձեր արածը, թե չէ դարձյալ չար սատանան ձեզ կմոլորեցնի։ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն ասացի քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ դու արկածներից բան չես հասկանում, իմ ասածը ճիշտ է, և դու հիմա կհամոզվես։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերով նա առաջ անցավ, ճամփի մեջտեղում, որտեղից պիտի անցնեին վարդապետները, կանգ առավ և երբ որ նրանք այնքան մոտեցան, որ նրա հաշվով կարող էին լսել իր խոսքերը, բարձրաձայն աղաղակեց․ | ||
+ | |||
+ | ― Ո՜հ դուք, դժոխքի նենգամիտ սերունդ, իսկույն ևեթ ազատեցեք ազնիվ իշխանուհիներին, որոնց դուք բռնի տանում եք կառքով, թե չէ պատրաստվեցեք շուտափույթ մահվան՝ որպես արժանի պատիժ ձեր չարագործության։ | ||
+ | |||
+ | Վարդապետները ջորիների սանձերը քաշեցին և կանգ առան, զարմացած դոն Կիխոտի թե՛ տեսքից, թե՛ խոսքից, և այսպիսի պատասխան տվին․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր ասպետ, մենք բնավ դժոխքի նենգամիտ սերունդ չենք, այլ ս․ Բենիտոյի ուխտի միաբաններ։ Մենք ճամփորդում ենք մեր գործերով և բան չգիտենք այս կառքով իշխանուհիներ փախցնելու մասին։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինձ անուշ խոսքերով չեք խաբի։ Ես ձեզ ճանաչում եմ, ստոր սրիկաներ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | Եվ, առանց պատասխանի սպասելու, նա խթանեց Ռոսինանտին և, ցած թեքելով նիզակը, այնպիսի կատաղի արիությամբ հարձակվեց առաջին վարդապետի վրա, որ եթե նա ինքն իրեն ջորուց գետին չնետեր, ապա դոն Կիխոտը նրան անշուշտ վայր կգցեր թամքից և ծանր կվիրավորեր, կամ թե չէ, թերևս, կսպաներ իսկ։ Երկրորդ վարդապետը, տեսնելով, թե ինչպես են վարվում իր ուղեկցի հետ, կրունկները խրեց իր գեր ջորու կողերը և քամուց արագ սլացավ դաշտը։ | ||
+ | |||
+ | Սանչո Պանսան նկատելով որ վարդապետը պառկած է գետնին, թեթև թռավ իշից և վազ տալով մոտը, սկսեց հանել նրա շորերը։ Այդ միջոցին մոտեցան վարդապետներին հետևող երկու ծառաները և հարցրեցին Սանչոյից, թե նա ինչու է նրա շորերը հանում։ Սանչոն պատասխանեց, որ ըստ օրենքի, ավարը իրեն է պատկանում, որովհետև իր տեր դոն Կիխոտն է նվաճել մարտում։ Ծառաները, որ կատակ չէին հասկանում և գաղափար չունեին, թե ավարս որն է, մարտս՝ որը, նկատելով, որ դոն Կիխոտը ծռեց մի կողմ և սկսեց խոսակցել կառքի ճամփորդուհու հետ, վրա տվին, Սանչոյին գետին գցեցին, փետտեցին նրա միրուքը և այնպես ջարդեցին, որ նրա շունչը կտրվեց և զգայարանները բթացան։ Այդ միջոցին ահ ու սարսափով բռնված վարդապետը, առանց մի վայրկյան կորցնելու, հեծավ ջորին և, մահու չափ գունատ, քշեց իր չորքոտանուն դաշտը, որտեղ պատկառելի տարածության վրա սպասում էր իր ուղեկիցը, տարակուսանքի մեջ, թե ինչով կվերջանա ամբողջ այս ահուզարը։ Ապա առանց սպասելու այս պատմության վախճանին, նրանք երկուսով էլ առաջ գնացին, երեսները այնպիսի տագնապով խաչակնքելով, ասես նրանց ետևից ինքը դևն էր ընկել֊հետապնդում։ | ||
+ | |||
+ | Իսկ դոն Կիխոտը, ինչպես արդեն ասացինք, սկսեց զրուցել կառքում նստած տիկնոջ հետ։ | ||
+ | |||
+ | ― Ձեր գեղեցկությունը, տիրուհիդ իմ, ― ասում էր նա, ― ազատ է հիմա տրամադրել իր անձով, որպես կամենա, որովհետև ձեզ փախցնողների հանդգնությունը կաշկանդված է արդեն իմ բազկի զորությամբ։ Եվ որպեսզի ձեզ վիշտ չպատճառի ձեր փրկչի անունը չիմանալը, ես կասեմ, որ իմ անունը դոն Կիխոտ Լամանչեցի է։ Ես թափառական ասպետ եմ, արկածախնդիր գերված գեղանի և աննման տիրուհի Դուլսինեա Տոբոսցով։ Իբրև վարձ այն ծառայության համար, որ ես հիմա ձեզ մատուցեցի, ես ձեզնից միայն մեկ բան կխնդրեմ՝ գնացեք Տոբոս, ներկայացեք իմ կողմից իմ սրտի տիրուհուն և ասացեք նրան, որ ես ձեզ ազատություն շնորհեցի։ | ||
+ | |||
+ | Կառքն ուղեկցող ձիապաններից մեկը, բիսկայեցի, ուշադրությամբ լսում էր դոն Կիխոտի խոսքերը։ Տեսնելով, որ նա չի ուզում թողնի կառքն առաջ ընթանա և պահանջում է, որ նրանք բոլորն էլ անմիջապես ետ գնան Տոբոս, մոտեցավ նրան և բռնելով նրա նիզակը, Կաստիլիայի վատ լեզվով և ավելի վատթար բիսկայերեն այսպես խոսեց․ | ||
+ | |||
+ | ― Գնա բանի՛դ, ասպետ, ոչ բարով երթաս։ Երդվում եմ արարիչ Աստուծով, կառքը բաց թող, թե չէ բիսկայացի չեմ լինի, թե որ քեզ տեղն ու տեղը չսպանեմ։<ref>Բնագրում բիսկայացին շարունակ աղավաղում է իսպանական լեզուն և աղճատում առածներ։ Հետևյալ բառակապակցության մեջ նա ուզում է ասել «տեսնե՛նք, թե կատուն ոնց պիտի լողա ջրի մեջ», այսինքն՝ «տեսնենք ինչպես պիտի իմ հախից գաս»։</ref> | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը նրա լեզուն շատ լավ հասկացավ և մեծ արժանապատվությամբ պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Թշվա՜ռ արարած։ Եթե դու ասպետ լինեիր, որ չե՛ս, կպատժե՛ի քո հանդգնությունն ու լրբությունը։ | ||
+ | |||
+ | Բիսկայեցին իսկույն վրա բերեց․ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս թե ասպետ չեմ։ Երդվում եմ Աստուծով, որ ստում ես քրիստոնյայի պես։ Նիզակդ նետի՛ր, հանի՛ր թուրդ։ Կտեսնես թե ոնց քո ապուրը կեփեմ։ Ցամաքի վրա ես բիսկայեցի եմ, ծովի վրա՝ հիդալգո, սատանայից կարգված հիդա՜լգո։ Ուրիշ բան ասողը սուտ է ասում։ | ||
+ | |||
+ | ― Իսկույն դու այդ կտեսնես, ինչպես ասաց Ագրահեսը,<ref>Արտահայտությունը («Ամադիս Գաղղիացի» վեպից) առած է դարձել։</ref> ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | Եվ նիզակը գետին շպրտելով, նա թուրը քաշեց, վահանով ծածկվեց և հարձակվեց բիսկայեցու վրա՝ նրան սպանելու հաստատ մտադրությամբ։ Այդ տեսնելով բիսկայեցին, որովհետև իր ջորին վարձու էր առնված և վստահելի չէր, կամեցավ իջնել, բայց այդ նրան չաջողվեց և նա ժամանակ ունեցավ միայն թուրը պատյանից հանելու։ Նրա բախտից կառքը հենց իր կողքին էր կանգնած, որի միջից նա հանեց մի բարձ, որ կարող էր փոխարինել վահանի։ Եվ ահա մեր հակառակորդները դեմ առ դեմ կանգնեցին՝ որպես երկու մահացու թշնամիներ։ Ներկա եղողները փորձեցին նրանց հաշտեցնել, բայց գլուխ չեկավ։ Բիսկայեցին իր ջարդված լեզվով երդվում էր, թե եթե նրան խանգարելու լինեն մարտնչելու, նա իր տիրուհուն էլ շան սատակ կանի և բոլորին, ովքեր միջամտելու լինեին։ Կառքում նստած տիկինը, ապշած ու ահաբեկված այդ տեսարանից, հրամայեց, որ կառապանը մի քիչ դենը քշի և սկսեց հեռվից հետևել կատաղի մարտին։ Այդ վայրկյանին բիսկայեցին դոն Կիխոտի վահանի վերևից այնպիսի հարված հասցրեց նրա ուսին, որ եթե վահանը չխանգարեր, մեր ասպետի ուսն անշուշտ մինչև գոտին կկտրվեր։ Դոն Կիխոտը, խլացած կատաղի հարվածից, բարձրաձայն աղաղակեց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, Դուլսինեա, իմ հոգու հատոր և գեղեցկության ծաղիկ, օգնեցեք ձեր ասպետին, որը ձեր մեծամեծ առաքինություններին արժանանալու համար այս ահավոր վտանգի մեջ է ընկել։ | ||
+ | |||
+ | Այդ ասելը, թուրը քաշելը, վահանով մի լավ ծածկվելը և բիսկայեցու վրա հարձակվելը միաժամանակ եղավ։ Դոն Կիխոտը որոշել էր իր ամեն ինչ վտանգել՝ գործը մեկ հարվածով ավարտելու համար։ Իր հակառակորդի տեսքից բիսկայեցին կռահեց նրա խիզախ մտադրությունը և երդվեց ոչ նվազ քաջությամբ դիմադրել հարձակմանը։ Բարձով լավ ծածկված՝ նա սպասում էր թշնամուն, տեղում կանգնած, չկարողանալով իր ջորու գլուխը ծռել ո՛չ աջ, ո՛չ ձախ, որովհետև կենդանին անկարող էր մի քայլ անելու՝ այնքան հյուծված էր և անսովոր նմանօրինակ խաղերի։ Ուրեմն, ինչպես ասացինք, դոն Կիխոտը հարձակվեց խորամանկ բիսկայեցու վրա, բարձրացնելով սուրը և պատրաստելով նրան կտրել֊երկու կտոր անել, իսկ բիսկայեցին սպասում էր, դեմ անելով բարձը և նույնպես սուրը բարձր պահելով, մինչդեռ հանդիսատեսները, ահից շունչները պահած, սպասում էին, թե վերջապես երբ պիտի իջնեն օդում սպառնալիորեն կախված այս սրերը։ Կառքի տիկինը և նրա նաժիշտները աղոթում էին և զանազան ուխտեր անում Իսպանիայի բոլոր աստվածահաճո և սուրբ բնակիչներին, միայն թե տեր Աստված ազատի նրանց և կառապանին այդ սարսափելի վտանգից։ Բայց հենց ցավն էլ այն է, որ այդ իսկ տեղում մեր պատմության հեղինակը ընդհատում է մեր մարտի նկարագրությունը, արդարանալով, որ չի աջողել դոն Կիխոտի գործերի մասին սրանից բացի այլ տեղեկություններ քաղել։ Ճիշտ է, այս աշխատասիրության երկրորդ հեղինակը չէր կարող հավատ ընծայել, որ այսքան հետաքրքրական պատմություն կարող է մոռացության մատնված լինել և որ Լամանչի սուրբ մտքերը կարող էին մինչ այն աստիճան անհետաքրքիր եղած լինել, որպեսզի իրենց դիվաններում ու մատենադարանում պահած չլինեին որևէ ձեռագիր այդ հռչակավոր ասպետի վերաբերյալ։ Այդ նկատառումներով նա հույսը չկտրեց այս հետաքրքրաշարժ պատմության վերջավորությունը գտնելու։ Եվ իրոք, ողորմած երկնքի օգնությամբ, նա գտավ, իսկ թե ինչպես, այդ կպատմենք երկրորդ մասում։<ref>«Դոն Կիխոտի» առաջին հատորը Սերվանտեսը բաժանել է չորս՝ ոչ բոլորովին հավասար մասերի, I մաս՝ գլ․ 1-8, II մաս՝ գլ․ 9-14, III մաս՝ գլ․ 15-27 և IV մաս՝ գլ․ 28-52։</ref> | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ IX== | ||
+ | |||
+ | Որ պատմում է քաջ բիսկայեցու և արի Լամանչեցու զարմանալի մարտի վերջն ու վախճանը | ||
+ | |||
+ | |||
+ | Այս պատմության առաջին մասում մենք խիզախ բիսկայեցուն և փառապանծ դոն Կիխոտին թողինք այն վայրկյանին, երբ նրանք պատյանից հանած սրերը քաշել էին իրար վրա և պատրաստվել այնպիսի կատաղի հարված հասցնել, որ եթե նրանք վահան չունենային, անշուշտ իրար մեջտեղից կկիսեին նռան պես։ Այդ վճռական վայրկյանին մեր հետաքրքրական պատմությունն ընդհատվեց և հեղինակը չհաղորդեց անգամ, թե որտեղ կարելի է գտնել շարունակությունը։ | ||
+ | |||
+ | Այս հանգամանքը ինձ ծայր աստիճան վշտացրեց և այն հաճույքին, որ ես ստացա կարճատև ընթերցանությունից, հաջորդեց տհաճություն, երբ որ միտք արի, թե ի՜նչ դժվարին ուղի է սպասում ինձ, որպեսզի գտնեմ այդ հետաքրքրաշարժ պատմության պակաս և, ինչպես կարծում էի, շատ ստվար մասը։ Սակայն ինձ անհնար ու բոլոր կանոններին հակառակ էր թվում, որ այդքան արի մի ասպետ չունենար գիտնական մի մարդ, որ իր վրա վերցներ այդպիսի չտեսնված սխրագործությունների նկարագրությունը․ մի բան, որ չի պակասել թափառական ասպետներից և ոչ մեկին, կամ, ինչպես ասում են, արկածների ետևից ընկածներին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ունեցել է մեկ կամ երկու իմաստուն ծերունի, որ ոչ միայն նկարագրել են նրանց սխրագործությունները, այլև նրանցից չեն վրիպել նրանց ամենաանշան և ամենագաղտնի մտքերը և նրանց մանկական չարաճճիությունները։ Հո չէ՜ր կարող այսքան մի արի ասպետ չունենալ այն, ինչ որ առատ ունեին Պլատիրն ու նրա նմանները։ Ուստի, ես չէի կարողանում հարկադրել ինքս ինձ հավատալու, որ այդպիսի գերազանց պատմություն մնացած լիներ հատված և հաշմանդամացած և ողջ մեղքը նենգ ժամանակի վրա էի գցում, որը աշխարհիս ամեն ինչը կլանում ու ոչնչացնում է։ Անշուշտ, մտածում էի ես, ժամանակը կամ ոչնչացրել է այդ պատմությունը, կամ թաքցրել մեզնից։ | ||
+ | |||
+ | Մյուս կողմից, մտաբերելով, որ դոն Կիխոտի գրքերի միջև այնպիսի արդիական երկեր կային, ինչպես Միջոց խանդի դեմ կամ Հենարեսի Նիմֆերն ու հովիվները, ես ենթադրում էի, որ նրա պատմությունն էլ չպետք է շատ հին լինի և որ եթե ոչ ոք գրի առած էլ չլինի, այնուամենայնիվ, նրա հայրենի ավանի և շրջակայքի բնակիչների հիշողության մեջ պետք է որ այդ պատմությունը մնացած լինի։ Այդ մտքերն ինձ շփոթեցնում էին և հրահրում իմ տենչը մեր փառապանծ իսպանացի դոն Կիխոտ Լամանչեցու կյանքի և հրաշքների մասին իմանալ զուտ ճշմարտությունը։ Չէ՞ որ նա Լամանչի ասպետության լուսատուն և հայելին էր, առաջինը, որ մեր դարում և մեր աղետավոր ժամանակում նվիրեց իրեն թափառական ասպետության դժվարին գործին, վրեժ լուծելով վիրավորողներից, օգնելով այրիներին և պաշտպանելով կույսերին։ Խոսքս այն կույսերի մասին է, որ հին ժամանակ մտրակը ձեռքին յորղա ձի հեծած, իրենց կուսության բեռը ուսերին, չափում էին սար ու ձորեր։ Եվ եթե որևէ շրջմոլիկ, սրիկայի մեկը կամ հրեշավոր մի հսկա չէր բռնաբարում նրանց, ապա ութսունամյա մոլորումներից հետո, բոլոր այդ ժամանակվա ընթացքում տանիքի տակ և ոչ մի գիշեր չքնած, գերեզման էին իջնում նույնքան կույս, որքան նրանց ծնող մայրը։ Այս և շատ ուրիշ հիմունքներով ես պնդում եմ, որ մեր արի դոն Կիխոտը արժանի է հավերժական և երջանկահիշատակ գովասանքի, ասենք ի՛նձ էլ վատ չէր լինի գովել այն աշխատանքի և ջանասիրության համար, որ թափել եմ այս հաճելի պատմության վերջավորության որոնումներում։ Թեև ես հավատացած եմ, որ եթե երկինքն ու բախտն ինձ օգնած չլինեին, աշխարհս զուրկ կմնար զվարճալիք ու բովանդակությունից, որ այժմ, գրեթե երկու ժամի ընթացքում կարող է վայելել յուրաքանչյուր ոք, ով ուշի֊ուշով կարդա այս պատմությունը։ Իսկ այդ վերջավորությունը ես ահա թե ինչպես գտա։ | ||
+ | |||
+ | Մի անգամ Տոլեդոյում դուրս եկա Ալկանա փողոցը և պատահաբար տեսա մի տղա, որ մի մետաքսավաճառի առաջարկում էր գնել հին տետրակներ ու թղթեր։ Իսկ որովհետև ես ընթերցանության սիրահար եմ և անգամ փողոցում ընկած թղթի կտորներն եմ կարդում, ապա իմ բնական հակումից դրդված՝ ես վերցրի տղայի ծախու տետրակներից մեկը և տեսա, որ գրված է արաբական գրերով։ Թեև ես գիտեի, որ արաբերեն է գրած, այնուհանդերձ կարդալ չէի կարող։ Եվ ահա սկսեցի որոնել որևէ մորիսկ, որ նրանից խնդրեմ կարդա։ Նման թարգմանիչ գտնելը այնքան էլ դժվար բան չէր մի վայրում, որտեղ կգտնվեին թարգմանիչներ ուրիշ լեզուներից էլ, սրանից ավելի լավ և ավելի հին։ Շուտով բախտը ինձ դեմ արեց այդպիսի մեկին, որ իմանալով, թե ինձ ինչ է հարկավոր, վերցրեց ձեռքիցս տետրակը, բաց արեց մեջտեղը, մի քիչ կարդաց և սկսեց ծիծաղել։ Ես հարցրի նրանից, թե ինչի վրա է ծիծաղում և նա պատասխանեց, թե մի նախադասության վրա, որ գրված է լուսանցքի վրա՝ որպես ծանոթություն։ Ես խնդրեցի նրանից, որ թարգմանի և նա, շարունակելով ծիծաղը, ասաց․ | ||
+ | |||
+ | Այստեղ, լուսանցքի վրա, ինչպես ես նոր ասացի, գրված է հետևյալը՝ «Այս Դուլսինեա Տոբոսցին, որ այնքան հաճախ հիշատակվում է ներկա պատմության մեջ, ըստ լուրերի, խոզի միսը աղ դնելու մեջ այնպիսի վարպետ էր, որ ողջ Լամանչում նրա նման կին չկար»։ | ||
+ | |||
+ | Լսելով Դուլսինեա Տոբոսցու անունը՝ ես զարմացա և ապշեցի, որովհետև իսկույն կռահեցի, որ այս տետրը պարունակում է դոն Կիխոտի պատմությունը։ Այս մտքից մղված ես խնդրեցի նրանից, որ շուտով կարդա վերնագիրը և նա, կատարելով իմ ցանկությունը, ուղղակի արաբերենից թարգմանեց իսպաներեն, որ հնչում էր այսպես՝ «Դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը, շարադրություն արաբ պատմիչ Սիդ Համիտ Բենենխելիի»։<ref>Էնխելի արաբական ածական է, որ համապատասխանում է իսպաներեն սերվալ կամ սերվանտեո բառերին, որոնց արմատն է՝ սերվո, այսինքն եղջերու։ Սերվանտեսն այդպիսով թաքցրել է իր անունը արաբերեն համանուն միջոցով։</ref> Ինձ հարկավոր եկավ իմ ողջ զսպվածությունը, որպեսզի թաքցնեմ ուրախությունս, որ այդ վայրկյանին համակեց ինձ, երբ ես լսեցի այդ գրքի վերնագիրը։ Եվ, վազելով մետաքսավաճառի մոտ, ես կես ռեալով գնեցի տղայից նրա բոլոր թղթերն ու տետրակները։ Եթե նա ավելի հասկացող լիներ և գլխի ընկներ, թե ի՜նչ ցանկություն կար մեջս ձեռք բերելու նրանց, նա կարող էր ինձնից վեց ռեալից ավելի պահանջել և կստանար։ Ապա, մորիսկի հետ ես հեռացա վանքի բակը և խնդրեցի նրանից թարգմանել իսպաներեն ինձ համար բոլոր տետրակները, որոնց մեջ պատմվում էր դոն Կիխոտի մասին, ոչինչ բաց չթողնելով և ոչինչ չավելացնելով։ Ես նրան առաջարկեցի, որ կվճարեմ նրան՝ ինչքան նա ուզի։ Նա բավարարվեց երկու արրոբ չամիչով և երկու ֆանեգ ցորենով՝<ref>Արոբա ― հավասար է 12 ½ կիլոգրամի, ֆանեգան՝ 55 ½ լիտրի։</ref> խոստանալով լավ թարգմանել՝ ճշգրիտ և ամենակարճ ժամանակամիջոցում։ Սակայն այդ գործը դյուրացնելու, ինչպես և երջանիկ գյուտը ձեռքից բաց չթողնելու համար, ես մորիսկին բնակեցրի տանս և այստեղ, մի քիչ ավելի, քան մեկուկես ամսում, նա բառացի, ինչպես ես այստեղ բերում եմ, թարգմանեց ողջ այդ պատմությունը։ | ||
+ | |||
+ | Առաջին էջի վրա նկար կար, որ շատ բնական ներկայացնում էր դոն Կիխոտի մարտը բիսկայեցու դեմ, հակառակորդները նկարված էին նույն դիրքով, ինչպես ասված է պատմության մեջ՝ երկուսն էլ վեր քաշած թրերով, մեկը՝ ծածկված վահանով, մյուսը՝ բարձով։ Բիսկայեցու ջորին նկարված էր այնպես, ասես կենդանի լիներ, այնպես որ հրացանի զարկի հեռավորությունից երևում էր, որ վարձու է։ Բիսկայեցու պատկերի տակ մակագրված էր՝ Դոն Սանչո դե Ասպեյտյա ― այդպես է եղել անտարակույս, նրա անունը, իսկ Ռոսիսնանտի ոտների տակ ուրիշ մակագրություն կար՝ Դոն Կիխոտ։ Ռոսինանտը երևելի էր նկարված՝ այնքան երկար ու ձիգ, այնքան նիհար ու հյուծված, ողնաշարն այնքան դուրս ցցված, այնքան հալիծ ընկած, մի խոսքով՝ կաշի և ոսկոր, այնպես որ իսկույն հասկանալի էր դառնում, որ «Ռոսինանտ» անունը տեղին և ըստ արժանվույն է նրան տրված։ Նրա կողքին կանգնած էր Սանչո Պանսան՝ իր իշի սանձը ձեռքին, և նրա ոտների տակ մակագրված էր՝ Սանչո Սանկաս։ Պատկերից դատելով նա մեծ փոր ուներ, կարճ իրան և բարակ ու երկար ոտներ, դրա համար էլ, երևի, նրան կոչել են՝ Պանսա և Սանկաս․<ref>Panza ― նշանակում է «փոր», Zanca` «երկար ոտք կամ թաթ (հատկապես թռչնի)։</ref> մականուններ, որ շարունակ հանդիպում են այդ պատմության մեջ։ Կարելի էր ուրիշ մանրամասնություններ էլ նշել, սակայն նրանք այնքան էլ կարևոր չեն և պատմության անցքերի ճշմարտապատում շարադրության մեջ աննշան տեղ են գրավում։ Իսկ այդ պատմությունը վատ չէ, որովհետև ճշմարտապատում է։ | ||
+ | |||
+ | Միակ առարկությունը, որ կարելի է անել նրա ստույգության դեմ, այն է, որ գրի առնողն արաբ է, իսկ այդ ցեղը բնականից ստասաց է։ Սակայն արաբները մեր ոխերիմ թշնամիներն են, և ավելի շատ կարելի է ենթադրել, որ հեղինակը մի բան բաց թողած լինի, քան ավելացրած։ Այդ է, գոնե, իմ կարծիքը, որովհետև այնտեղ, որտեղ հեղինակը կարող էր և պետք է որ ազատություն տար իր գրչին՝ մեր արի ասպետին գովաբանելու, նա կարծես թե դիտմամբ լռություն է պահպանում։ Մի՞թե դա վատ արարք չէ և չարամիտ մտադրություն չէ, եթե նկատի առնելու լինենք, որ պատմաբանները պարտավոր են և պետք է որ ճշգրիտ ճշմարտապատում և անաչառ լինեն, և ո՛չ հաշիվը, ո՛չ երկյուղը, ո՛չ քենը, ո՛չ կիրքը չպետք է նրանց հանեն ճշմարտության ուղիղ ճամփից, մեր գործերի գանձարանը, անցյալի վկան, օրինակ և խրատ ներկայի համար և նախազգուշացում՝ գալիքի։ Եվ ես գիտեմ, որ այդ պատմության մեջ դուք ամեն ինչ կգտնեք, ինչ որ սովորաբար որոնում են ամենահետաքրքրաշարժ վեպերում։ Իսկ եթե նրա մեջ որևէ թերիներ լինեն, ապա մեղքը, հավատացած եմ, նյութինը չէ, այլ շուն֊հեղինակինը։ Վերջապես, պատմության երկրոդ մասը թարգմանաբար այսպես է սկսվում։ | ||
+ | |||
+ | Երբ որ մեր խիզախ և ցասկոտ հակառակորդները իրենց սուր թրերը քաշեցին, կարելի էր կարծել, որ նրանք սպառնում են երկնքին, երկրին և անգամ դժոխքին՝ այնքան արիություն ու վճռականություն կար նրանց դիրքում։ Առաջինը տաքարյուն բիսկայեցին հարված հասցրեց, այն էլ այնպիսի զորությամբ ու կատաղությամբ, որ եթե թուրը նրա ձեռքում շուռ չգար, այդ մի հատիկ հարվածը վերջ կտար ոչ միայն նրանց դժնդակ մենամարտությանը, այլև մեր ասպետի բոլոր արկածներին։ Սակայն հետագա մեծ գործերի համար դոն Կիխոտին պահպանող բարի բախտը շուռ տվեց նրա հակառակորդի ձեռքում թուրն այնպես, որ հարվածը նրա ձախ ուսին դիպավ և մեծ վնաս չհասցրեց։ Միայն թե այդ ուսից պոկվեցին բոլոր զրահները, իր վահանի մի մասն ու ականջի կեսը կտրվեցին։ Այդ բոլոր առարկաները շռինդով ընկան գետին, և մեր ասպետը շատ տխուր վիճակում մնաց։ | ||
+ | |||
+ | Տեր Աստված, կգտնվի՞ այնպիսի մարդ, որ կարողանար արժանավոր կերպով նկարագրել կատաղությունը, որով լցվեց մեր Լամանչեցու սիրտը, երբ որ նա տեսավ, թե ինչ օրի գցեցին իրեն։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ դոն Կիխոտը նորից կանգնեց ասպանդակների վրա, ավելի ուժգին երկու ձեռքով սեղմեց թուրը և այնպիսի կատաղությամբ հարվածեց բիսկայեցու բարձին ու գլխին, որ հակառակորդին, չնայած որ լավ ծածկված էր, թվաց, թե նրան մի ամբողջ սար է ճզմել։ Նրա քթից, բերնից ու ականջներից արյուն թափվեց, նա երերաց և անշուշտ վայր կընկներ գետին, եթե իր ջորու պարանոցը բռնած չլիներ։ Չնայած դրան, այնուամենայնիվ, նրա ոտները դուրս սլքեցին ասպանդակներից, ձեռները կախ ընկան, իսկ ջորին, վախեցած այս սարսափելի հարվածից, սլացավ դաշտը քացի տալով և վերջ ի վերջո հեծածին գետնին գցեց։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը նայում էր այդ ամենին խորին հանգստությամբ, իսկ երբ որ բիսկայեցին վայր ընկավ, նա ձիուց ցած թռավ, թեթև վազեց նրա մոտը և թրի ծայրը նրա երկու աչքերի մեջտեղը դնելով՝ հրամայեց, որ անձնատուր լինի, սպառնալով, որ հակառակ դեպքում նրա գլուխը կկտրի։ Բիսկայեցին այն աստիճան շշմած էր, որ չկարողացավ մի խոսք արտասանել, ցասումն այնքան էր կուրացրել դոն Կիխոտին, որ նրա բանն անշուշտ շատ վատ կլիներ, եթե կառքի տիկինները, որոնք հևիհև հետևում էին մենամարտությանը, չմոտենային մեր ասպետին և թախանձագին չխնդրեին, որ իբրև ողորմություն իրենց շնորհվի իրենց ծառայի կյանքը։ Դոն Կիխոտը ի պատասխան, ծանր ու մեծ արժանապատվությամբ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, գեղեցիկ տիկիններ, ես մեծ ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը։ Բայց ես մեկ պայման կդնեմ՝ այս ասպետը պիտի խոստանա ինձ, որ կերթա Տոբոսո կոչվող գյուղը, կներկայանա իմ անունից աննման տիրուհի Դուլսինեային, որը կտնօրինի նրա բախտը, ինչպես կամենա։ | ||
+ | |||
+ | Ահաբեկված և վշտացած տիկինները, կարգին գլխի չընկնելով, թե նրանցից ինչ է պահանջվում, անգամ հարց ու փորձ չանելով, թե ինչ ազգուտակից է այդ Դուլսինեան, խոստացան, որ իրենց զինակիրը ճշտությամբ կկատարի նրա հրամանը։ | ||
+ | |||
+ | ― Հավատալով ձեր խոսքին, ― ասաց դոն Կիխոտը, ― ես այլևս նրան վնաս չեմ տա, թեև նա շատ֊շատ արժանի է դրան։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ X== | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի և նրա զինակիր Սանչո Պանսայի միջև եղած սրամիտ զրույցի մասին | ||
+ | |||
+ | |||
+ | Այդ միջոցին Սանչո Պանսան, որ վարդապետների ծառաներից լավ ծեծ էր կերել, արդեն վեր էր կացել և ուշի֊ուշով հետևում էր իր տիրոջ՝ դոն Կիխոտի մենամարտությանը, իր սրտում աղաչելով, որ Աստված հաճի նրան հաղթանակ շնորհել և որ հաղթանակը տանելուց հետո նա որևէ կղզի նվաճի և Սանչոյին, համաձայն խոստմանը կարողանա նահանգապետ կարգել։ Վերջապես տեսնելով, որ մարտն ավարտված է և որ իր տերը կամենում է հեծնել Ռոսինանտին՝ նա վազ տվեց, որ ասպանդակը բռնի, բայց նախքան նրա ձի հեծելը չոքեց նրա առջև և, բռնելով նրա ձեռքը համբուրեց ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թող հաճելի լինի ձերդ ողորմածությանը, տեր իմ դոն Կիխոտ, շնորհել ինձ նահանգապետություն կղզում, որ դուք նվաճեցիկ այս դաժան մարտում։ Ինչքան էլ նա մեծ լինի, զգում եմ ես, որ կկարողանամ կառավարել նույնքան լավ, որքան աշխարհի բոլոր մյուս կղզիների նահանգապետները։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Նկատի առ, եղբայր Սանչո, որ այս արկածը, ինչպես և սրա նման մյուսները, կղզի շահելու արկածներ չեն։ Ճամփաբաժաններում կարող են քո գլուխը ջարդել կամ ականջդ կտրել, բայց դու մեջտեղը ուրիշ բան չես շահի։ Համբերի՛ր մի քիչ, մենք այնպիսի արկածներ էլ կունենանք, որ թույլ կտան ինձ ոչ միայն նահանգապետ կարգել, այլև ավելի բարձր բան անելու։ | ||
+ | |||
+ | Սանչոն ջերմագին շնորհակալություն հայտնեց, մի անգամ էլ համբուրեց նրա ձեռքն ու նրա ռազմական կապայի փեշը և օգնեց որ հեծնի Ռոսինանտին, իսկ ինքը թռավ իր էշի վրա և գնաց իր տիրոջ ետևից։ Կառքում նստած տիկիններին այլևս ոչ մի խոսք չասելով, անգամ հրաժեշտ չտալով դոն Կիխոտը արագ քայլերով մտավ անտառը, որ հեռու չէր։ Սանչոն լխկլխկում էր իր ողջ արագությամբ վազող էշի վրա՝ հետևելով տիրոջը։ Սակայն Ռոսինանտն այնքան արագ էր վազում, որ Սանչոն շուտով ետ մնաց և ստիպված էր ձայն տալ տիրոջը, որ սպասի իրեն։ Նրա ձայնն առնելով դոն Կիխոտը Ռոսինանտի սանձը քաշեց, մինչև որ հասավ իր հոգնած զինակիրն ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թվում է ինձ, տեր, որ մենք խելացի վարված կլինեինք, եթե պատսպարվեինք որևէ եկեղեցում։ Չէ՞որ այն մարդը, որի դեմ դուք նոր մարտնչեցիք, այնքան ցավալի վիճակի մեջ մնաց, որ զարմանալի չի լինի, եթե այդ անցքի լուրը Սանտա Հերմանդադ<ref>Santa Hermandat ― (բառացի՝ «սուրբ եղբայրություն»), այդպես էր կոչվում պահնորդական այն հատուկ կորպուսը, որը հիմնված էր Հյուսիսային Իսպանիայում XV դարում՝ գլխավորպես անկարգություններ անող ֆեոդալների, իսկ այնուհետև ավազակների և հանցագործենրտի դեմ պայքարելու համար։</ref> հասցեն և այն ժամանակ մեզ կկալանավորեն, իսկ բանտ որ նստացրին, Աստված վկա, շատ քրտինք պիտի թափենք, մինչև որ այնտեղից դուրս գանք։ | ||
+ | |||
+ | ― Լռի՛ր, ― ասաց դոն Կիխոտը։ ― Այդ որտե՞ղ ես դու լսել կամ կարդացել, որ թափառական ասպետներին մարդասպանության համար դատի ենթարկեն։ | ||
+ | |||
+ | ― Մարդասպանության մասին ես բան չգիտեմ, ― պատասխանեց Սանչոն, ― և ես երբեք այդ գործով չեմ զբաղվել․ գալով բացօթյա մուշտակռվին՝ ես գիտեմ, որ Սանտա Հերմանդադը նրանցով շատ հետաքրքրվում է, մնացյալի մասին չեմ խոսում։ | ||
+ | |||
+ | ― Մի՛ վշտանար, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես քեզ ոչ միայն Հերմանդադի, այլև անգամ քաղղեացիների<ref>Ակնարկում է Աստվածաշնչի մի դարձվածքը․ «Ահա ես կհանձնեմ այս քաղաքը քաղղեացիներին և բաբելացոց արքային» (Երեմիա, ԼԲ)։</ref> ձեռքից կազատեմ։ Բայց խղճի մտոք ասա ինձ՝ տեսե՞լ ես դու երբևիցե աշխարհիս երեսին ինձնից ավելի խիզախ ասպետ։ Կարդացե՞լ ես դու վեպերում, որ որևէ ասպետ ավելի խիզախություն հայտնաբերած լինի հարձակման պահին, ավելի համառություն պաշտպանության պահին, ավելի մահացու լինի՝ հարվածելիս և ավելի ճկուն՝ թամքից ցած գլորելուց։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտն ասած, ― պատասխանեց Սանչոն, ― կյանքումս ոչ մի վեպ չեմ կարդացել, որովհետև ես գրել֊կարդալ չգիտեմ։ Բայց գրազ կգամ, որ ավելի խիզախ տիրոջ, քան ձեր ողորմածությունն է, ես կյանքումս չեմ ծառայել, և տա Աստված, որ այդ արիության համար մենք ասածս տեղը չընկնենք։ Սակայն խնդրում եմ, ձերդ ողորմածություն, հոգացե՛ք ձեր մասին՝ ախր ձեր ականջից սաստիկ արյուն է գալիս․ բարեբախտաբար, իմ պայուսակում ծվատ ու սպիտակ սպեղանի կա։ | ||
+ | |||
+ | ― Այդ ամենը ավելորդ կլիներ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե ես մոռացած չլինեի մի սրվակ Ֆյերաբրասի բալասան պատրաստելու՝ մի կաթիլը բավական կլիներ, և մենք կտնտեսեինք և՛ ժամանակը, և՛ դեղորայքը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ սրվակ և ի՞նչ բալասան է դա, ― հարցրեց Սանչո Պանսան։ | ||
+ | |||
+ | ― Այդ բալասանի բաղադրությունը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մտքումս պահել եմ։ Որ ունեցար՝ կարող ես ո՛չ մահից վախենալ, ո՛չ էլ վերքից մեռնելու երկյուղ ունենալ։ Ես կպատրաստեմ և կտամ քեզ, իսկ դու, որ տեսնես, թե կռվի միջոցին ինձ կտրել երկու կես են արել (մի բան, որ մեր գործերում հաճախ լինում է), զգուշությամբ կբարձրացնես այն կեսը, որ վայր է ընկել գետին և առաջ, քան արյունը լերդանա, կդնես այն կեսի վրա, որ մնացել է թամքի վրա՝ աշխատելով, որ երկու կեսերը խնամքով և ճիշտ իրար բերես։ Ապա թե ասածս բալասանից երկու կաթիլ կտաս, որ խմեմ, և կտեսնես, որ ես կլինեմ ողջ և առողջ, կարմիր խնձորի պես։ | ||
+ | |||
+ | ― Քանի որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ես իսկույն ևեթ հրաժարվում եմ ինձ խոստացված կղզու վրա նահանգապետությունից և իմ մեծ ու հավատարիմ ծառայության համար ձեզնից մեկ բան եմ խնդրում՝ տվեք ինձ, ձերդ ողորմածություն, այդ զարմանահրաշ հեղուկի բաղադրատոմսը։ Ես հաստատ հավատացած եմ, որ աշխարհիս երեսին ամենուրեք նրա մեկ ունցիան երկու ռեալից ավելի թանկ կծախվի, իսկ ինձ ավելին պետք չէ՝ կյանքիս մնացորդն ազնիվ ու հանգիստ ապրելու համար։ Ասենք, նախապես պետք է պարզել, թե ինչ կնստի նրա պատրաստելը։ | ||
+ | |||
+ | ― Երեք ռեալով կարելի երեք ասումբրա<ref>Հեղուկների մի չափ, որը երկու լիտրից մի քիչ ավելի է։</ref> պատրաստել, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Վա՜յ ինձ, մեղավորիս, ― բացականչեց Սանչոն։ ― Ապա ինչի է սպասում ձերդ ողորմածությունը, ինչո՞ւ ինքներդ չեք պատրաստում և ինձ չեք սովորեցնում։ | ||
+ | |||
+ | ― Լռի՛ր, բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դա ի՜նչ է որ, դեռ ավելի մեծ գաղտնիքներ կբանամ քեզ և ավելի շատ բարիքներ կթափեմ քեզ վրա։ Իսկ հիմա զբաղվենք իմ ականջով՝ նա ավելի է ցավում, քան թե ես կուզենայի։ | ||
+ | |||
+ | Սանչոն պայուսակից հանեց ծվատն ու սպեղանին։ Բայց երբ դոն Կիխոտը տեսավ, թե ինչ դրության է հասել իր սաղավարտը, նա քիչ մնաց ուշաթափվեր։ Ձեռքը թրի վրա դնելով և աչքերը հառելով երկնքին՝ նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Երդվում եմ աշխարհիս արարչով և չորս սուրբ ավետարաններով, ասես նրանք առջևս դրած լինեին,<ref>Երդման ավանդական մի ձև, գործ էր ածվում այն դեպքում, երբ ձեռքի տակ ավետարան չէր լինում։</ref> որ այսուհետև այնպիսի կյանք եմ վարելու, ինչպես մեծ մարկիզ Մանտուանացին, երբ նա երդվեց իր մորաքրոջ որդի Բալդովինի մահվան վրեժը լուծել, այսինքն՝ սուփրից հաց չճաշակել, չզվարճանալ կնոջ հետ և այլն (իսկ թե ինչ, ես մոռացել եմ, միայն թե այդ ամենը դնում եմ երդմանս մեջ), մինչև որ վրիժառու չլինեմ նրանից, ով ինձ նման վիրավորանք հասցրեց։ | ||
+ | |||
+ | Լսելով այս խոսքերը՝ Սանչոն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածություն, սինյոր դոն Կիխոտ, միտք արեք ապա, չէ՞ որ եթե այն ասպետը կատարել է ձեր հրամանն ու գնացել է ներկայանալու իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն, ապա ուրեմն նա իր պարտքը կատարել է և արժանի չէ նոր պատժի, քանի որ նոր հանցանք չի գործել։ | ||
+ | |||
+ | ― Դու այդ ճիշտ նկատեցիր և ասացիր, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի ես ետ եմ վերցնում իմ երդման այն մասը, որ վերաբերում է այդ ասպետից վրեժ առնելուն։ Սակայն ես դարձյալ երդվում եմ և հաստատում երդումս այնպիսի կյանք վարելու, որ ասում էի, մինչև որ ուժով որևէ ասպետից սաղավարտ չխլեմ, որ իր որակով իմիս հավասար լինի։ Եվ մի մտածիր, Սանչո, որ իմ խոսքերը, որպես դարմանի ծուխ, քամին կտանի, քանի որ իմ առջև մեծ նմուշներ են կանգնած։ Չէ՞ որ նույնը, բառացի նույնը պատահեց Մամբրինոյի սաղավարտին, որ այնքան թանկ նստեց Սակրիպանտեին։ | ||
+ | |||
+ | ― Տեր իմ, ձերդ ողորմածություն, գրողը տանի այդ տեսակ երդումները, ― վրա բերեց Սանչոն։ ― Նրանք առողջության համար վնասակար են և ձեռնտու չեն խղճին։ Թե չէ, ասացեք ապա՝ ի՞նչ կլինի, եթե դիցուք բազմաթիվ օրերի ընթացքում մեզ ոչ մի սաղավարտավոր մարդ չհանդիպի, ի՞նչ պիտի անենք մենք։ Մի՞թե դուք կատարելու եք ձեր երդումը, հակառակ բոլոր անհարմարություններին և անախորժություններին, այն է՝ շորերը հագներիդ քնեք, գյուղերում չգիշերեք և ձեզ հազար ու մի ուրիշ փորձությունների ենթարկեք, որ հիշատակել է այդ խելքը կորցրած մարկիզ Մանտուանացին, ինչ է թե ձերդ ողորմածությունը կամենում է, նրա երդումը վերակենդանացնել։ Լավ մտածեցեք, ձերդ ողորմածություն, չէ՞ որ բոլոր այս ճամփաներով երթևեկում են լոկ զինված ջորեպաններ, ձիապաններ և կառապաններ, որոնք ոչ միայն սաղավարտ չեն կրում, այլև գուցե իրենց օրում չեն էլ լսել նրա մասին։ | ||
+ | |||
+ | ― Ախալվում ես, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երկու ժամ չի քաշի, և մենք այս խաչաձևվող ուղիներում ավելի զինված մարդ կհանդիպենք, քան Ալբրական՝ Անջելիկա գեղեցկուհուն նվաճելու միջոցին։ | ||
+ | |||
+ | ― Էհ, լավ, թող ձեր ասածը լինի, ― ասաց Սանչոն։ ― Տա Աստված, որ մեր բախտը բերի և շուտով հասնի ժամը նվաճելու կղզին, որ ինձ վրա այսքան թանկ է նստում, իսկ այնուհետև ես հանգիստ կմեռնեմ։ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն ասել եմ քեզ, Սանչո, որ կարիք չունես դրա համար անհանգիստ լինելու։ Կղզի չեղավ՝ Դանիայի կամ Սոբրադիսայի նման որևէ մի թագավորություն կգտնվի և քո չափսին կգա, ոնց որ մատանին՝ մատիդ։ Համ էլ քեզ համար ավելի լավ կլինի, չէ՞ որ այդ թագավորությունները հաստատ հողի վրա են։ Սակայն այդ թողնենք, մենք ժամանակ կունենանք դրա մասին խոսելու, իսկ հիմա տեսնենք, թե քո պայուսակում ուտելու պաշար կա՞։ Կազդուրվենք և իսկույն գնանք որևէ դղյակ որոնելու, որտեղ կգիշերենք և ես կպատրաստեմ բալասանը, որի մասին քեզ պատմեցի, որովհետև, երդվում եմ Աստուծով, ականջս սաստիկ ցավում է։ | ||
+ | |||
+ | ― Մոտս կա ընդամենը մի գլուխ սոխ, մի կտոր պանիր և մի քանի կտոր քարթու հաց, ― ասաց Սանչոն։ ― Այս ամենը ձեր ողորմածության պես արի ասպետի համար անվայել ուտելիք է։ | ||
+ | |||
+ | ― Դու բնավ բան չես հասկանում, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Իմացած եղիր, Սանչո, թափառական ասպետի առաքինությունն այն է, որ ամիսներով բան չուտի, իսկ եթե ուտելու էլ լինի, ապա առաջին ձեռքն ընկած բանը։ Դու կասկած չէիր ունենա, եթե այնքան վեպեր կարդացած լինեիր, որքան ես, և թեև ես շատ եմ կարդացել, բայց չեմ հիշում, որ ասպետը երբևէ այլ կերպ ուտելիս լինի, քան բոլորովին պատահմամբ, և միմիայն ճոխ խնջույքներում, որ սարքված են լինում նրանց պատվին։ Մնացած օրերը նրանք ծաղիկների բույրով են սնվում։ Իհարկե, պետք է ենթադրել, որ նրանք այնուամենայնիվ մի բան ուտում էին և բավարարում էին մնացյալ բնական պահանջները, քանի որ վերջ ի վերջո նույն տեսակ մարդիկ են եղել, ինչ որ մենք։ Իսկ որովհետև նրանք իրենց կյանքի մեծ մասը անտառներում և անապատներում են անցկացնելիս եղել, ապա խոհարարներ չէին ունենում, և պետք է ենթադրել, որ նրանց սովորական սնունդը գյուղական հասարակ ուտելիքն է եղել, հիմա ինձ առաջարկածիդ պես մի բան։ Ուստի, Սանչո, բարեկամս, թող քեզ չվշտացնի այն, ինչ ուրախացնում է ինձ, մի աշխատիր ստեղծել նոր աշխարհ և թափառական ասպետներին ճամփից հանել։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― բայց որովհետև ես ո՛չ գրել գիտեմ, ո՛չ կարդալ, ինչպես մի անգամ էլ ասել եմ ձեզ արդեն, ապա ասպետական պաշտոնի կանոններն էլ ես երբեք չեմ կարդացել։ Այսուհետև ես հետս կվերցնեմ մի պայուսակ՝ լիքը ամեն տեսակ չոր պտուղներով, որովհետև ձերդ ողորմածությունն ասպետ է, իսկ ինձ համար ― որովհետև ես ասպետ չեմ, ― զանազան թռչուններ և ընդհանրապես ավելի էական բաներ։ | ||
+ | |||
+ | ― Իմ ասածը բոլորովին այն չէր, Սանչո, ― առարկեց դոն Կիխոտը, ― որ թափառական ասպետները պարտավոր են միայն չոր միրգ ուտելու, ես միայն նկատեցի, որ որ նրանք սովորաբար դրանով են սնվել, մեկ էլ մի քանի տեսակ դաշտային բանջարեղենով, որ նրանք գիտեին գտնել դաշտերում, ինչպես ես էլ լավ գիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Օգտակար բան է ճանաչել այդ բանջարեղենը, ― ասաց Սանչոն, ― որովհետև ինչպես ինձ թվում է, այդ գիտությունը երբևիցե մեզ պետք կգա։ | ||
+ | |||
+ | Այստեղ նրանք պայուսակից հանեցին իրենց պաշարը և երկուսով, խաղաղ ընկերակցությամբ սկսեցին ուտել։ Սակայն գիշերվա օթևան գտնելու ցանկությունից դրդված՝ նրանք կարճեցին իրենց չոր ու ցամաք ճաշը, իսկույն նստեցին մեկն իր երիվարը, մյուսն՝ իր էշը և քշեցին՝ հուսով, որ մինչև մութը կոխի, հասնեն բնակելի մի վայր։ Սակայն արևը մայր մտավ, և նրա հետ չքացավ ցանկացածին հասնելու հույսը, իսկ որովհետև նրանք այծարածների վրանների մոտ էին, որոշեցին հենց այստեղ էլ կանգ առնել։ Որքան Սանչոն վշտանում էր, որ նրանք այդպես էլ գյուղ չհասան, նույնքան էլ դոն Կիխոտը, ընդհակառակը, ուրախ էր բաց երկնքի տակ գիշերն անց կացնելու մտքից, որովհետև ամեն անգամ, երբ այդպիսի բան էր պատահում, նա հաջողության նշան էր համարում, որ հաստատում էր նրա իրավունքները ասպետական կոչման մեջ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XI== | ||
+ | |||
+ | Թե ինչ պատահեց դոն Կիխոտի և այծարածների միջև | ||
+ | |||
+ | |||
+ | Այծարածները նրանց սիրալիր ընդունեցին, և Սանչոն, որքան կարելի է, լավ հոգ տանելով Ռոսինանտի և իր էշի մասին, այն կողմը դիմեց, որտեղից այծի մսի հոտ էր գալիս, որ կաթսայի մեջ եփվում էր կրակի վրա։ Եվ, թեև նրան քաշում էր անհապաղ համը տեսնելու, պիտանի՞ է արդյոք մսի կաթսայից անմիջապես ստամոքսն ուղևորելու, այնուհանդերձ նա իրեն պահեց, որովհետև այդ իսկ վայրկյանին հովիվները կաթսան կրակից վերցրին և, գետնին ոչխարի մորթիներ փռելով, արագ֊արագ պատրաստեցին իրենց գեղջկական սուփրան, ապա մեծ սիրալիրությամբ առաջարկեցին մեր ճամբորդներին բաժանել նրանց հետ իրենց ունեցածից։ Բոլոր վեց հովիվները, որ ապրում էին վրանում, բոլորաձև նստոտեցին ոչխարի մորթիների վրա, նախապես անշնորհք քաղաքավարությամբ խնդրելով դոն Կիխոտից, որ շուռ տված տաշտի վրա տեղ գրավի։ Դոն Կիխոտը նստեց, իսկ Սանչոն ոտի վրա մնաց, որ նրան սպասարկի և մատուցի եղջյուրից շինած գավաթը։ Սակայն մեր ասպետը տեսնելով, որ նա չի նստում, ասաց նրան․ | ||
+ | |||
+ | ― Որպեսզի դու տեսած լինես, Սանչո, թե ինչ բարիք է պարփակվում թափառական ասպետության մեջ և թե ինչ արագությամբ մարդիկ, որ այնպես ծառայում են նրան, հասնում են աշխարհում հարգանքի և պատիվների, ես կամենում եմ, որ դու նստես իմ կողքին այս բարի մարդկանց շրջանում և ինձ հավասար լինես՝ քո տիրոջը և բնական սինյորին, որ դու իմ ափսեից ուտես և նույն թասից խմես, որից խմում եմ ես, որովհետև թափառական ասպետության մասին կարելի է ասել նույնը, ինչ որ սովորաբար սիրո մասին է ասվում՝ բոլորին հավասարեցնում է։ | ||
+ | |||
+ | ― Խորին շնորհակալություն, ― պատասխանեց Սանչոն, ― բայց ահա՛ թե ինչ կասեմ ես ձերդ ողորմածությանը՝ թող ուտելու բան ունենամ, իսկ կանգնած և մենակ ուտելը, թերևս, ինձ համար ավելի հարմար լինի, քան կայսեր կողքին նստած։ Եվ, եթե շիտակն ասել թույլ տաք, ապա իմ սեփական անկյունում սոխով հաց ուտելը, առանց ծեսերի և ծռմռվելու շատ ավելի դուրեկան է, քան ուրիշի սեղանից հնդկահավ ուտել և հարկարդված լինել դանդաղ ծամելու, սակավ խմելու, ամեն վայրկյան բերան սրբելու, չհազալու, չփռշտալու, երբ հազդ ու փռշտոցդ գալիս է և չանել շատ ուրիշ բաներ, որ թույլատրվում է մարդուս ազատ և մենակ միջոցին։ Ուստի, տեր իմ, պատիվների փոխարեն, որ ձերդ ողորմածությունն ուզում է ինձ արած լինել, որպես ծառայի և թափառական ասպետի աշխատակցի, քանի որ ես ձեր ողորմածության զինակիրն եմ, շնորհեցեք ինձ ավելի շահավետ և օգտավետ մի բան։ Իսկ այս պատիվը ես ընդունում եմ և շնորհակալությամբ, բայց հրաժարվում եմ նրանից այժմ և հավիտյան։ | ||
+ | |||
+ | ― Չնայած դրան, դու դարձյալ նստիր, որովհետև նրան, ով որ խոնարհեցնում է իրեն, Աստված բարձրացնում է։ | ||
+ | |||
+ | Եվ, քաշելով նրա թևից, դոն Կիխոտը ստիպեց, որ նստի իր կողքին։ | ||
+ | |||
+ | Հովիվները, որ զինակիրների ու թափառական ասպետների բարբառից բան չէին հասկանում, զոռ էին տալիս ուտելուն, լռելյայն նայում էին հյուրերին, որոնք մեծ ախորժակով խժռում էին բռունցքի մեծությմբ կտորներ։ Երբ որ մսեղենը պրծավ, հովիվները ահագին քանակությամբ կաղին թափեցին մորթիների վրա, հետն էլ կես գլուխ պանիր դրին, որ այնքան պինդ էր, ասես կրից լիներ շինած։ Իսկ եղջյուրե թասը անգործ չէր մնում, մեկ լիքը, մեկ՝ դատարկ, ինչպես ջուր քաշող դույլ, նա այնպիսի արագությամբ շրջան էր գործում, որ երկու առկա տկերից մեկը, այն էլ առանց առանձին դժվարության, դատարկված էր։ Երբ որ դոն Կիխոտը իր փորը մի լավ կշտացրեց, նա մի բուռ կաղին վերցրեց և, ուշի֊ուշով զննելով սկսեց հետևյալ խոսքը․ | ||
+ | |||
+ | ― Երջանիկ է եղել այն ժամանակը և բախտավոր այն դարը, որ հնում կոչելիս են եղել ոսկեդար, այն էլ ոչ թե նրա համար, որ ոսկին, այնքան գնահատելի մեր եկաթե դարում, որ երանելի ժամանակ ձեռք էր բերվում առանց որևէ աշխատանքի, այլ նրա համար, որ այն ժամանակ ապրող մարդիկ չգիտեին երկու բառ՝ «իմը» և «քոնը»։ Այդ սրբազան ժամանակներում ամեն ինչ ընդհանուր էր։ Իրենց օրվա պարենն ստանալու համար մարդուն մնում էր միայն ձեռքը բարձրացնել զորավոր կաղնու ճյուղերին, որ առատությամբ քաղցր ու համեղ պտուղներ էր տալիս։ Վճիտ աղբյուրներն ու արագահոս վտակները առատորեն առաջարկում էին իրենց զով ու առողջարար ջրերը։ Ժայռերի ճեղքերում ու ծառերի փչակներում համեստ ու ժրաջան մեղուները հիմնում էին իրենց թագավորությունները, և յուրաքանչյուր ձեռք կարող էր ձրի տիրանալ նրանց անուշ աշխատանքի առատ բերքին։ Խցանային հզոր կաղնիները, առանց որևէ հարկադրանքի, առատաձեռն սիրալիրությունից դրդված՝ հանելիս են եղել իրենց արձակ ու թեթև կեղևը և մարդիկ նրանով ծածկելիս են եղել իրենց տնակները՝ կառուցած անտաշ սյուների վրա, միմիայն փոփոխական եղանակից պատշտպանվելու համար։ Այն ժամանակ ամենուրեք խաղաղություն, բարեկամություն, համաձայնություն էր տիրում։ Ծուռ գութանի ծանր խոփը դեռևս չէր խիզախում կտրել ու բանալ մեր նախամոր ողորմած որովայնը, որովհետև առանց հարկադրանքի նա իր բերրի և լայնարձակ ծոցի ամբողջ տարածության վրա տալիս էր, ինչ որ կարող է կշտանցել, հագեցնել և ուրախացնել մանուկներին, որ այն միջոցին տիրում էին նրան։ Այն պահին, երբ պարզամիտ և չքնաղ հովվուհիները զբոսնում էին հովտից հովիտ և բլուրից բլուր, արձակ մազերով կամ ծամերը հյուսած, և նրանց վրա մի քող կար միայն, որ ողջմամտորեն ծածկում էր այն տեղերը, որ պատշաճությունը միշտ պահանջել և պահանջում է ծածկել։ Եվ նրանք զգեստներ չունեին, որ ընդունված են մեր ժամանակ՝ Տիր ծիրանիով կամ հազար ծվեն արած մետաքսով զարդարված, այլ կանաչ տերևների հյուսած պսակներ։ Եվ այդ արդուզարդով նրանք, թերևս, պակաս շքեղ և պճնված չեն եղել, քան մեր ոստանիք կանայք իրենց արտասովոր հնարքներով, որ սովորեցրել է նրանց տարակամ պարապությունը։ Այն ժամանակ հոգու սիրային տենչը նույնքան պարզ ու անկեղծ էին արտահայտվում, ինչպես և ծագում էին հոգում, առանց ինքնազարդարության համար խոսքի ճարպիկ հյուսվածքի ետևից ընկնելու։ Ստությունը, նենգությունն ու խորամանկությունը չէին խառնվում ճշմարտության և անկեղծության։ Արդարադատությունը իշխում էր լիակատար կերպով, և ո՛չ շահամոլությունը, ո՛չ կողմնապահությունը, որ հիմա այնքան ստորացնում ու հալածում են նրան, չէին հանդգնում ո՛չ վիրավորել նրան, ո՛չ շփոթել։ Անձնական կամայականության օրենքը դատավորների գլխից չէր անցնում, որովհետև դատելու համար ո՛չ մարդ կար, ո՛չ մեղք։ Ինչպես արդեն ասացի ես, ողջամիտ աղջիկները ման էին գալիս, որտեղ խելքներին փչում էր, մեն֊մենակ, առանց վախենալու, որ օտարի հանդգնությունը կամ ցանկամոլությունը կարող է նրանց վիրավորել, իսկ եթե կորցնում էլ էին պատիվը, ապա այդ պատահում էր իրենց սեփական հակումից և բարի կամքից։ Իսկ հիմա, մեր ատելի ժամանակում, նրանցից և ոչ մեկը ապահով չէ, անգամ եթե թաքցրած լինի և փակված որևէ անտեսանելի լաբիրինթոսում, ինչպիսին կա Կրետե կղզու վրա, որովհետև հիմա, այդ անիծյալ քաղաքավարության հետ միասին, բոլոր ծակոտիներից նրանց վրա օդից փչում է սիրային վարակը, իսկ նրա հետ՝ մնա՜ս բարով ամեն զսպվածություն։ Քանի շատ էր ժամանակն անցնում, այնքան ավելի էր աճում այդ չարիքը, մինչև որ աղջիկների ապահովության համար հիմնվեց թափառական ասպետների ուխտը, որ իր նպատակը դրել է պաշտպանել կույսերին, հովանավորել այրիներին, օգնել որբերին և աղքատներին։ Ես էլ եմ պատկանում այդ ուխտին, հովիվ եղբայրներ, և ես շնորհակալ եմ բարի ընդունելության և հյուրասիրության համար, որ դուք ցույց տվիք ինձ և իմ զինակրին։ Թեև բնական օրենքով աշխարհի բոլոր շունչ֊կենդանիները պարտավոր են աջակցելու թափառական ասպետներին, այնուհանդերձ ես գիտեմ, որ դուք այդ պարտականությանը անգիտակ ընդունեցիք մեզ և հյուրասիրեցիք, ուստի ես պարտավոր եմ սրտանց շնորհակալ լինելու ձեր բարեսրտության համար։ | ||
+ | |||
+ | Այս ամբողջ երկար ճառը (որ նա շատ լավ կարող էր արտասանած չլինել) մեր ասպետն արտասանեց միմիայն նրա համար, որ իրեն առաջարկած կաղինը նրա միտքը գցեց ոսկեդարը, և նրա խելքին փչեց ապարդյուն դուրս տալու հովիվների առջև, որոնք, առանց մի բառ արտասանելու, լսում էին նրան մտամոլոր ու շփոթված։ Սանչոն էլ էր լուռ, նա կրծում էր կաղինը և շուտ֊շուտ մոտենում երկրորդ տկին, որ գինին սառը պահելու նպատակով, կախված էր կաղնուց։ | ||
+ | |||
+ | Ընթրիքն արդեն ավարտված էր, իսկ դոն Կիխոտը տակավին խոսում էր, մինչև որ վերջապես հովիվներից մեկը դիմեց նրան հետևյալ խոսքերով․ | ||
+ | |||
+ | ― Որպեսզի ձերդ ողորմածությունը, սինյոր թափառական ասպետ, ունենա ավելի հիմք՝ հավատալու մեր ընդունելության անկեղծ բարեսրտությանը, մենք ուզում ենք զվարճացնել և ուրախացնել ձեզ մեր ընկերներից մեկի երգով, որ իսկույն պիտի գա այստեղ։ Նա էլ է հովիվ, խելքը գլխին տղա, սաստիկ սիրահարված, իսկ գլխավորը՝ գիտե կարդալ֊գրել և ռաբելե<ref>Ռաբելե ― լյուտնյայի տիպի երաժշտական գործիք, ինչ֊որ եռալար, պրիմիտիվ ջութակի նման։</ref> է ածում այնպես, որ ավելի լավ կամենալ անկարելի է։ | ||
+ | |||
+ | Հազիվ հովիվն ասաց այս խոսքերը, որ նրանց ականջին հասավ ռաբլեի ձայնը, իսկ շուտով ինքը երաժիշտն էլ երևան եկավ, մոտ քսաներկու տարեկան մի երիտասարդ՝ շատ դուրեկան արտաքինով։ Նրանից հարցրին՝ ընթրե՞լ է նա, թե՞ ոչ, երբ նա դրական պատասխան տվեց, այն հովիվը, որ նրան գովաբանում էր ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դե որ այդպես է, Անտոնիո, մեր խաթեր համար մի բան երգիր։ Թող սինյորը, որ այսօր մեր հյուրն է, տեսնի, թե լեռներում էլ, անտառներում էլ պատահում են մարդիկ, որոնց խելքը երաժշտությունից բան է կտրում։ Մենք նրան արդեն քո ընդունակությունների մասին հաղորդել ենք, դե՛ հայտաբերի՛ր և համոզիր նրան, որ մենք ճիշտ ենք ասել։ Ուստի, քո արևը, խնդրում եմ նստես և քո սիրուհու պատվին երգ ասես, որ քո քահանա հորեղբայրն է հորինել, և որ մեր գյուղում բոլորին այնքան դուր եկավ։ | ||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Սիրում ես ինձ, ես այդ գիտեմ, | ||
+ | Թեև երբեք ինձ այդ մասին | ||
+ | Չես ակնարկել գեթ հայացքով՝ | ||
+ | Սիրո քաղցր լեզվով լռին։ | ||
+ | |||
+ | Սիրում ես ինձ, և իմ հոգին | ||
+ | Էլ չեն մաշում վիշտ ու հառաչ։ | ||
+ | Օ, ի՜նչ հրճվանք, երբ սիրտն արդեն | ||
+ | Բաց է սիրող սրտի առաջ։ | ||
+ | |||
+ | Իմ Օլայլա, հաճախ դու ինձ | ||
+ | Ցույց ես տվել, որ հոգիդ կույս | ||
+ | Բրոնզ է սառն ու անզգա, | ||
+ | Շուշան֊կուրծքդ քար է անհույզ։ | ||
+ | |||
+ | Բայց երբեմն էլ քամահրանքի, | ||
+ | Հպարտության բարձրությունից, | ||
+ | Հույսն է գաղտնի իր հանդերձի | ||
+ | Լույս քղանցքը ցույց տվել ինձ։ | ||
+ | |||
+ | Ես քո գիրկն եմ տենչում նետվել | ||
+ | Ինչպես ձուկն է խայծին ձգտում, | ||
+ | Ո՛չ թոշնում եմ մերժումներից, | ||
+ | Ո՛չ ստանում սիրո խոստում։ | ||
+ | |||
+ | Եթե իղձը պարկեշտ է միշտ, | ||
+ | Պարկեշտությունդ ասում է ինձ, | ||
+ | Որ պսակը իմ հույսերի | ||
+ | Կլինի քո սերը անբիծ։ | ||
+ | |||
+ | Եթե ազնիվ պաշտամունքը | ||
+ | Շնորհների է արժանի, | ||
+ | Ե՜ս էլ նույնը պիտի հուսամ, | ||
+ | Ի՜մ Օլալյա, ի՜մ աղավնի։ | ||
+ | |||
+ | Թե նկատել կամենայիր, | ||
+ | Կտեսնեիր այնքա՜ն, այնքա՜ն, | ||
+ | Որ ամեն օր եմ ես կրում | ||
+ | Իմ զգեստները տոնական։ | ||
+ | |||
+ | Եվ քանի որ նույնն է ուղին | ||
+ | Թե՛ զգեստի և թե՛ սիրո, | ||
+ | Կամեցել եմ ես միշտ քեզ մոտ | ||
+ | Փայլել շքեղ հանդերձներով։ | ||
+ | |||
+ | Չեմ հիշեցնում պարերն աշխույժ, | ||
+ | Սերենադները սրտահույզ, | ||
+ | Որ օրորո՜ւմ էին անուշ | ||
+ | Վերջալույսից մինչև արշալույս։ | ||
+ | |||
+ | Չեմ հիշեցնում և գովքը այն, | ||
+ | Որ թովչանքիդ եմ ես ձոնել, | ||
+ | Որով միայն շատ շատերից | ||
+ | Լոկ նախատինք եմ վաստակել։ | ||
+ | |||
+ | Իսկ Թերեսան Բերոկալցի | ||
+ | Ծաղրով ասաց․ «Աղջիկներ կան, | ||
+ | Որ հրեշտակ են պատմելով, | ||
+ | Իսկ մոտիկից կապիկ միայն։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ մեծ բան է հիմա մեզ մոտ | ||
+ | Հիմարացնել և ամուրին | ||
+ | Ոսկեգանգուր կեղծամներով, | ||
+ | Փերիներով խանությային»։ | ||
+ | |||
+ | Ես պատասխան տվի նրան, | ||
+ | Նա ինձանից վիրավորվեց, | ||
+ | Հետո եկավ քեռու տղան, | ||
+ | Սկսվեցին կռիվ ու վեճ։ | ||
+ | |||
+ | Տենչում եմ քեզ սիրատոչոր | ||
+ | Ու երազում կարոտագին | ||
+ | Ոչ թե մարմինդ նրբագեղ, | ||
+ | Այլ քո մաքուր, անբիծ հոգին։ | ||
+ | |||
+ | Օ, կհյուսի եկեղեցին, | ||
+ | Մետաքս օղակն ամուսնական, | ||
+ | Ե՛կ, միասին կրենք, ի՛մ սեր, | ||
+ | Կապանքները այդ սրբազան։ | ||
+ | |||
+ | Իսկ թե մերժես, երդվում եմ քեզ | ||
+ | Սուրբ անունով սրբոց դասի, | ||
+ | Որ աշխարհից կհեռանամ | ||
+ | Ու կճգնեմ խցում վանքի։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Այս խոսքերով հովիվն ավարտեց իր երգը, և դոն Կիխոտը խնդրեց, որ նա մի բան էլ երգի, սակայն Սանչո Պանսան առարկեց, թե ավելի քնել կուզենար, քան երգ լսել և ասաց իր տիրոջը․ | ||
+ | |||
+ | ― Ժամանակ է արդեն, որ ձերդ ողորմածությունը մի տեղ պատրաստի պառկելու համար, չէ՞ որ այս բարի մարդիկ ամբողջ օրն աշխատում են և չեն կարող գիշերը մինչև լույս երգով անց կացնել։ | ||
+ | |||
+ | ― Հասկանալի է, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― պարզ է, որ տկին արածդ հաճախ այցելությունները ավելի քնով պիտի վարձատրվեն, քան երաժշտությամբ։ | ||
+ | |||
+ | ― Այն ով է, որ գինի չի սիրում, փառք քեզ Աստված, ― բացականչեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ չեմ ժխտում, ― ասաց դոն Կիխոտը։ ― Դե՛, պառկիր, որտեղ կուզենաս, իսկ իմ արհեստի մարդկանց ավելի վայել է զարթուն մնալը, քան քնելը։ Համ էլ վատ չէր լինի, Սանչո, եթե դու նորից կապեիր ականջս, որովհետև ավելի սաստիկ է ցավում, քան պետք էր։ | ||
+ | |||
+ | Սանչոն կատարեց հրամանը։ Իսկ այծարածներից մեկը, տենելով վերքն, ասաց որ անհանգստանալու տեղիք չկա, որ ինքը դեղ ունի, որից վերքն իսկույն կսաղանա։ Եվ շուրջը մեծ առատությամբ բսած կնդրուկի տերևներ քաղելով, նա ծամեց, աղ արեց և դրեց վերքի վրա։ Ապա թե խնամքով կապեց ականջը և հավատացրեց, որ ոչ մի ուրիշ դեղի կարիք չի լինի։ Այդպես էլ դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XII== | ||
+ | |||
+ | Թե դոն Կիխոտի հետ եղած այծարածներից մեկն ինչ պատմեց | ||
+ | |||
+ | |||
+ | Այս միջոցին գյուղից վերադարձավ մի տղա, որ գնացած էր եղել պաշարեղենի ետևից, և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ընկերներ, գիտե՞ք, ինչ է պատահել գյուղում։ | ||
+ | |||
+ | ― Որտեղի՞ց իմանանք, ― պատասխանեց հովիվներից մեկը։ | ||
+ | |||
+ | ― Դե՛ իմացած եղեք, ― շարունակեց եկածը, ― որ այսօր առավոտ վախճանվեց հռչակավոր հովիվ֊ուսանող Խրիզոստոմոն, և լուր կա, որ մեռել է այն սատանա Մարսելային սիրելուց, հարուստ Գիլերմոյի աղջկան, որ հովվի զգեստով թափառում է այս խուլ վայրերում։ | ||
+ | |||
+ | ― Մարսելայի՞ն, ― ասում ես, ― հարցրեց մեկը։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, Մարսելային, ― պատասխանեց այծարածը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ամենից նշանավորն այն է, որ իր կտակում նա կարգադրել է, որ իրեն թաղեն մավրի պես, արձակ դաշտում, մի ժայռի տակ, որտեղ աղբյուրի վրա մի կաղնի է աճում, որովհետև համաձայն լուրերի (իբր թե նա ինքն է ասել), այդտե՛ղ է նա առաջին անգամ տեսել Մարսելային։ Նա զանազան ուրիշ ցանկություններ էլ է հայտնել, միայն թե այստեղի տերտերներն ասում են, որ պետք չէ դրանք կատարել, որովհետև նրանք հեթանոսականի պես են։ Իսկ դրան առարկում է հանգուցյալի ամենամտերիմ բարեկամ ուսանող Ամբրոսիոն, որ նրա պես հովվի զգեստ է հագել։ Նա ուզում է Խրիզոստոմոյի կտակը լրիվ կատարած լինել, ինչպես նա ինքն է կարգադրել, և այդ առիթով ողջ գյուղը հիմա հուզված է։ Դատելով խոսակցություններից՝ վերջ ի վերջո ամեն ինչ Ամբրոսիոյի և նրա այլ հովիվ֊բարեկամների ցանկությամբ է կատարվելու, և վաղը մեծ հանդիսականությամբ նրան կտանեն թաղելու այն իսկ տեղը, որ ես ասացի։ Ըստ իս, տեսնելու բան է լինելու։ Համենայն դեպս ես անպատճառ կերթամ այնտեղ, եթե վաղը դարձյալ ստիպված չլինեմ վերադառնալու գյուղ։ | ||
+ | |||
+ | ― Մենք բոլորս էլ կերթանք այնտեղ, ― պատասխանեցին հովիվները, և վիճակ կգցենք, թե ով մնա մեր այծերին պահպանելու։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, Պեդրո, ― վրա բերեց նրանցից մեկը, ― միայն թե չարժի այդ միջոցին դիմել․ ձեր բոլորիդ փոխարեն ե՛ս կմնամ։ Եվ չկարծեք, թե ես այդ առաջակում եմ բարությունից կամ հետաքրքրության բացակայությունից, այլ անցյալ օրը ոտս փուշ է մտել և դժվարանում եմ ման գալ։ | ||
+ | |||
+ | ― Ինչ էլ լինի, մենք բոլորս էլ շնորհակալ կլինենք քեզնից, ― պատասխանեց Պեդրոն։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը խնդրեց, որ Պեդրոն պատմի, թե ո՞վ է մեռել և ո՞վ է հովվուհին։ Պեդրոն պատասխանեց, թե ինչքան իրեն հայտնի է, ննջեցյալը հարուստ հիդալգո է եղել, բնակիչ մի գյուղի, որ գտնվում է լեռներում, շատ տարիներ ուսել է Սալամանկայում և ապա դարձել իր ծննդավայրը և շատ գիտուն և կարդացած մարդու համբավ ուներ։ Ասում էին, թե նա առանձնապես տեղյակ է եղել աստղերի գիտությունից և գիտեր, թե երկնքում արևն ու լուսինն ինչ են անում։ «Նա ճշտությամբ նախազգուշացնում էր արևի և լուսնի խաբարումները»։ | ||
+ | |||
+ | ― Այդ կոչվում է խավարումներ, բարեկամս, և ոչ թե խաբարումները, երբ որ այդ երկու մեծ լուսատուները խավարում են, ― նկատեց դոն Կիխոտը։ Բայց Պեդրոն, առանց ուշ դարձնելու նման մանրուքի վրա, շարունակեց իր պատմությունը։ | ||
+ | |||
+ | ― Նմանապես նա գուշակում էր, թե տարին ինչպես կլինի՝ բերքառատ թե չբերք։ | ||
+ | |||
+ | ― Դուք ուզում եք անբերրի ասած լինեք, բարեկամս, ― նկատեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Չբերք թե անբերրի, ― պատասխանեց Պեդրոն, ― մեկ հաշիվ է։ Մի խոսքով, նրա գուշակությունների շնորհիվ հայրն ու բարեկամները շատ հարստացան, որովհետև հավատ էին ընծայում նրան և բոլոր գործերում հետևում էին նրա խորհուրդներին, երբ որ նա ասում էր՝ «այս տարի գարի ցանեցեք և ոչ թե ցորեն, իսկ այս տարի սիսեռ ցանեցեք և գարի մի՛ք ցանի, գալ տարի առաջ զեյթունի յուղ կլինի, իսկ հետո երեք տարի իրար վրա ոչ մի կաթիլ չի լինի»։ | ||
+ | |||
+ | ― Այդ գիտությունը կոչվում է ասղագիտություն, ― ասաց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, թե ինչպես է կոչվում, ― պատասխանեց Պեդրոն, ― սակայն գիտեմ, որ նա այդ ամենը գիտեր և դեռ ավելին։ Վերջապես նրա՝ Սալամանկայից գալուց հազիվ մի քանի ամիս էր անցել, որ մի գեղեցիկ օր հանկարծ նա դեն գցեց իր երկարափեշ ուսանողական զգեստը և հանդես եկավ մեր մեջ հովվի հագուստով՝ ոչխարի մորթից և ցուպը ձեռքին, իսկ նրա հետ հովվի հագուստ էր հագել նաև նրա հավատարիմ բաեկամ Ամբրոսիոն՝ նրա դասընկերը։ Ես մոռացա ասեմ ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն լավ երգ հյուսող էր և հորինում էր ավետիսներ, որ երգվում էին ծննդյան գիշերը և սրբազան ներկայացումներ, որ մեր գյուղական երիտասարդությունը խաղում էր մարմնո և արյան օրին, և բոլորն ասում են, որ շատ գեղեցիկ էին։ Երբ որ այդ երկու ուսանողներն այդպես անսպասելի հովվի հագուստ հագան, բոլորը գյուղում զարմացած մնացին և այդքան անսովոր կերպարանափոխության պատճառը ոչ մի կերպ չէին կարողանում գուշակել։ Իսկ այդ միջոցին մեռավ մեր Խրիզոստոմոյի հայրը, և նա ժառանգեց մեծ կարողություն՝ շարժական և անշարժ, նմանապես մեծ քանակությամբ եղջյուրավոր և մանր անասուններ և փողի մի խոշոր գումար։ Այդ ամենը հասավ նրան և ճիշտն ասած, նա միանգամայն արժանի էր դրան, որովհետև լավ ընկեր էր, լավ մարդկանց բարեկամ և ղալամով քաշած գեղեցկության տեր։ Ապա իմացվեց, որ նա հագուստը փոխել և այս ամայի վայրերն է հեռացել հովվուհի Մարսելայի ետևից ընկնելու համար, որովհետև խեղճ հանգուցյալը՝ Խրիզոստոմը, սիրահարված էր նրա վրա։ Հիմա ես կպատմեմ ձեզ, որ դուք իմանաք, թե ով է այս աղջիկը։ Գուցե, թերևս առանց գուցեի, դուք ձեր օրում նման բան լսած չլինեք, անգամ եթե Սառնայից<ref>Սառնա ― անթարգմանելի բառախաղ․ սառնա նշանակում է քոս։</ref> ավելի տարիքավոր լինեք։ | ||
+ | |||
+ | ― Սառա կասեն, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը՝ չկարողանալով համբերել, որ հովիվը այդքան աղճատում է բառերը։ | ||
+ | |||
+ | ― Սառնան ավելի երկար է քաշում, ― առարկեց հովիվը։ ― Իսկ եթե դուք, սինյոր, իմ ամեն մի խոսքին բծախնդիր լինեք, ապա ես մի տարի չեմ վերջացնի։ | ||
+ | |||
+ | ― Ներեցեք, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես ձեզ ընդհատեցի, որովհետև սառնայի և Սառայի միջև մեծ տարբերություն կա։ Բայց դուք շատ լավ պատասխանեցիք ինձ, թե սառնան ավելի երկար է քաշում, քան Սառայի կյանքը։ Շարունակեցեք ձեր պատմությունը, ես այլևս ձեզ չեմ ընդհատի։ | ||
+ | |||
+ | ― Այն էի ասում, սիրելի սինյոր, ― ասաց հովիվը, ― ես շարունակում եմ։ Մեր գյուղում մի գյուղացի կար, Խրիզոստոմոյի հորից էլ հարուստ և նրան կոչում էին Գիլլյերմո, որին բացի բազում հարստությունից, Աստված մի աղջիկ էր տվել, որի մայրը, ― մեր ողջ շրջանում պատվելի մի կին, ― վաղճանվեց ծննդաբերության միջոցին։ Ոնց որ հիմա տեսնում եմ նրա դեմքը։ ― Մեկ կողմից լույս էր տալիս արևի պես, իսկ մյուս կողմից՝ լուսնի։ Իսկ գլխավորը՝ բարի տնտեսուհի էր և սիրում էր աղքատներին, այնպես որ ես կարծում եմ՝ հիմա նրա հոգին տեր Աստծո մոտ երանության մեջ է։ Այսքան բարի կնոջ մահից հետո նրա ամուսին Գիլլյերմոն դարդամահ եղավ, և մնաց նրա աղջիկը՝ դեռատի և հարուստ Մարսելան, իր հորեղբոր խնամքին, քահանայի, որ մեր գյուղում կալված ունի։ Աղջիկը մեծանում էր այնքան սիրուն, որ մենք բոլորս ակամա հիշում էինք նրա գեղեցկուհի մորը, իսկ ոմանք անգամ ենթադրում էին, որ ժամանակի ընթացքում աղջիկը կգերազանցի։ Ահա այսպես, երբ որ լրացավ նրա տանսչորս թե տասնհինգ տարին, չէր կարելի նրա վրա նայել առանց օրհնելու Աստծուն, որ նրան այսքան չքնաղ է ստեղծել, և մեր ջահելների մեծ մասը մահացու սիրահարված էր նրա վրա։ Իսկ հորեղբայրը նրան փականքի տակ էր պահում մեծ խստությամբ։ Այնուամենայնիվ, նրա մեծ գեղեցկության և խոշոր հարստության համբավը տարածվեց ոչ միայն մեր գյուղում, այլև շատ մղոն հեռու շուրջը և լավագույն փեսացուները ամեն կողմից գալիս էին խնդրելու, աղաչելու, պաղատելու հորեղբորից, որ նրան մարդու տա։ Սա էլ, իբրև իսկական բարի քրիստոնյա, թեև հակառակ չէր նրան մարդու տալու, երբ որ նա հասակն առավ, այնուամենայնիվ, չէր ուզում այդ՝ հակառակ նրա կամքի արած լինել, թեև, իհարկե, նրա համար չէր հետաձգում այդ ամուսնությունը, որ եկամուտ ու շահի մասին էր մտածում, որ նա քաղում էր աղջկա կարողությունից խնամակալության հետևանքով։ Հավատացեք ինձ, դրա մասին հաճախ խոսք էր լինում մեր քեֆերի ժամանակ, և գովում էինք բարի քահանային։ Իսկ պետք է ձեզ ասեմ, թափառական սինյոր, որ մեր գյուղորայքում ամենքի նկատմամբ սրտացավ են և ում ասես կարող են չարախոսել։ Եվ հավատացած եղեք, ինչպես հավատացած եմ ես, որ եթե ծխականները, մանավանդ գյուղի ծխականները, լավ են արտահայտվում որևէ հոգևոր անձի մասին, ապա դա կնշանակի, որ նա միանգամայն արժանի է դրան։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, ― նկատեց դոն Կիխոտը, ― դե շարունակեցեք, ձեր պատմությունը շատ լավն է, և դուք, բարի Պեդրո, հիանալի պատմում եք։ | ||
+ | |||
+ | ― Միայն թե Աստծու կամքը լինի, դա է գլխավորը։ Էհ, հետո այսպես է եղել։ Թեև հորեղբայրը իր եղբոր աղջկան բազմաթիվ փեսացուներ է առաջարկած եղել, մանրամասն թվելով յուրաքանչյուրի արժանիքները, ով որ կամեցել է նրա հետ ամուսնանալ և խնդրելիս է եղել ընտրություն անել նրանցից ըստ իր ճաշակի, նա բոլոր առաջարկներին ի պատասխան ասելիս է եղել, որ առայժմ մարդու գնալու ցանկություն չունի, որ ինքը դեռ շատ երիտասարդ է և իրեն ընդունակ չի համարում ամուսնության ծանր լուծը կրելու։ Նրա առարկությունները ճիշտ էին թվում, և հորեղբայրը նրան հանգիստ թողեց, սպասելով, որ նա մեծանա և վերջապես ըստ իր ճաշակի ամուսին ընտրի, քանի որ ինքն էր հայտարարել, և միանգամայն արդարացի, որ ծնողները չպետք է իրենց զավակների բախտը տնօրինեն հակառակ նրանց կամքի։ Եվ հանկարծ, առանց որևէ պատճառի, հանկարծակի կերպով, քմահաճ Մարսելան, մի գեղեցիկ օր հովվուհի է դառնում։ Թեև նրա հորեղբայրը և բոլոր համագյուղացիները ետ էին պահում նրան, նա ականջ չդրեց և մեր գյուղի մյուս հովվուհիների հետ գնաց հանդը իր սեփական հոտը արածացնելու համար։ Իսկ երբ որ նա ներկայացավ բոլորի առջև, և բոլորն էլ վերջապես տեսան նրա գեղեցկությունը, բազմաթիվ հարուստ երիտասարդներ՝ հիդալգո և գյուղացի, Աստված վկա, չեմ էլ կարողանա նրանց բոլորի անունը տալ, Խրիզոստոմոյի պես հագնվեցին և գնացին թափառելու աղջկա հետ՝ ձգտելով ձեռք բերել նրա բարեհայեցողությունը։ Ես արդեն ասացի ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն էլ նրանցից մեկն էր, որի մասին պատմում են, թե նա ոչ թե սիրում էր աղջկան, այլ ուղղակի պաշտում։ Եվ չկարծեք, թե եթե Մարսելան ազատ և արձակ կյանք էր ընտրել, որ ոչ մի ճնշում չի ճանաչում, ապա դա նշանակում էր, որ նրա պատիվն ու առաքինությունը դրանից կարող էին տուժել։ Ընդհակառակը՝ նա այնքան արթուն պահպանում էր իր պատիվը, որ իրեն ծառայողներից և իր սերը հայցողներից և ոչ մեկը չէր կարող պարծենալ, ճիշտ ասած, երևի, երբեք էլ չի կարող պարծենալ, որ աղջիկը նրան գեթ ամենափոքր հույս է տվել, որ իր ցանկությունը կբավարարվի։ Մարսելան չի խուսափում հասարակությունից և հովիվների հետ խոսակցելուց, նրանց հետ սիրալիր և բարեկամաբար է վարվում, սակայն հենց որ նրանցից մեկն ու մեկը բաց է անում իր ցանկությունը ― լինի դա օրինական և սուրբ ցանկություն ամուսնանալու նրա հետ ― աղջիկն իսկույն վանում է նրան՝ ասես թնդանոթ արձակելով։ Եվ իր այդպիսի վարմունքով նա մեր կողմերում ավելի աղետ է բերում, քան ժանտախտը, որովհետև նրա սիրալիրությունն ու գեղեցկությունը բոլոր երիտասարդներին, որ նրան հանդիպում էին, հարկադրում էին նրան սիրել և ծառայել։ Իսկ նրա արհամարհանքն ու անզգայականությունը հուսակտուր է անում նրանց, և նրանք այլ կերպ չեն կոչում նրան, բայց եթե խստասիրտ, անշնորհակալ և այլ նման անուններով, որոնցով կարելի է դատել նրա բնավորության մասին։ Եվ եթե դուք, սինյոր, մի քանի օր այստեղ մնալու լինեիք, դուք կլսեիք, թե ինչպես մեր սար ու ձորերում մերժված սիրահարների գանգատներն են հնչում, որ նրա ետևից ընկած էին։ Այստեղից ոչ հեռու մի տեղ կա, որտեղ մի երկու տասնյակ հին հաճարի է բուսնում, և մեկը չկա, որի հարթ կեղևի վրա կտրած֊գրած չլինի Մարսելայի անունը, իսկ ծառերից մի քանիսի վրա նրա անվան վերևից թագ է կտրած, կարծես թե սիրահարը այդ նշանով կամեցել է ասած լինել, թե ողջ մարդկության գեղեցկության թագը Մարսելային է պատկանում։ Մի տեղ մեկ հովիվ է ախ քաշում, մյուս տեղ մի ուրիշն է գանգատվում, այստեղ սիրո երգ է հնչում, այնտեղ՝ ցավագին մրմունջ։ Մեկ սիրահար կաղնու կամ ժայռի տակ է ողջ գիշերն անց կացնում և հարբած ու հափշտակված անուրջներով՝ մինչև ցայգալույս չի փակում աչքերը։ Մի ուրիշը՝ անընդհատ և առանց հանգստանալու ախ է քաշում և ամառային ամենաանտանելի ջեռ տոթին պառկած է մնում շիկացած ավազի վրա և առաքում է իր տրտունջը գթառատ երկնքին։ Իսկ չքնաղ Մարսելան ազատ և անհոգ հաղթանակում է մեկի՛ն էլ, մյուսի՛ն էլ, սրա՛նց էլ, նրա՛նց էլ։ Մենք բոլորս՝ նրան ճանաչողներս, սպասում ենք, թե երբ պիտի վերջանա նրա գոռոզությունը և ով է լինելու այն երջանիկը, որ կզսպի նրա սարսափելի բնավորությունը և կվայելի նրա արտասովոր գեղեցկությունը։ Իսկ որովհետև այն ամենը, որ ես ձեզ պատմեցի, զուտ ճշմարտություն է, ապա, թվում է ինձ, այն էլ է ճիշտ, ինչ մեր հովիվը հաղորդեց Խրիզոտոմոյի մահվան մասին։ Ուստի, խորհուրդ եմ տալիս ձեզ, սինյոր, անպատճառ վաղը եկեք թաղմանը՝ ճիշտ, արժի տեսնել, որովհետև Խրիզաստոմոն բազմաթիվ բարեկամներ ուներ։ Իսկ այն տեղը, որտեղ նա կտակել է, որ իրեն թաղեն, այստեղից հազիվ կես մղոն լինի։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե կերթամ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և շնորհակալ եմ ձեզնից այն բավականության համար, որ պատճառեցիք ինձ այդքան հետաքրքրական պատմությամբ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, Մարսելայի սիրահարի հետ եղածի կեսն էլ ես չգիտեմ, ― պատասխանեց այծարածը։ ― Բայց գուցե վաղը ճամփին մենք հանդիպենք որևէ ուրիշ հովվի, և նա մեզ կպատմի մնացյալը։ Իսկ հիմա չէր խանգարի, որ դուք պառկեք վրանի տակ, որովհետև գիշերային զովը կարող է վնասել ձեր վերքին, թեև, ասենք, սպեղանին դրել ենք, և դուք կարող եք անախորժ բարդություններից չվախենալ։ | ||
+ | |||
+ | Սանչո Պանսան, որ վաղուց արդեն սատանի մոտն էր ուղարկում հովվի շաղակրատությունը, նույնպես սկսեց խնդրել, որ դոն Կիխոտը պառկի Պեդրոյի վրանում։ Դոն Կիխոտը զիջեց և գիշերվա մնացորդը անց կացրեց մտքերով տիրուհի Դուլսինեայի մասին՝ ընդօրինակելով Մարսելայի սիրահարներին։ Իսկ Սանչո Պանսան, Ռոսինանտի և էշի մեջտեղը փռվեց ու քնեց ոչ որպես անհույս սիրահար, այլ մուշտակռվում կարգին ծեծ կերած մարդ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XIII== | ||
+ | |||
+ | Որ պարունակում է Մարսելա հովվուհու պատմության վերջավորությունը և զանազան ուրիշ անցքեր | ||
+ | |||
+ | Հազիվ էր արևելքի պատշգամբներից օրը դուրս նայել, որ վեց հովիվներից հինգը վեր թռան և սկսեցին արթնացնել դոն Կիխոտին՝ հարցնելով նրանից՝ հո չի՞ փոխել իր մտադրությունը Խրիզոստոմոյի արտասովոր թաղմանը գնալու և ուզո՞ւմ է արդյոք միանալ իրենց խմբին։ Դոն Կիխոտը, որ հենց դրա մասին էր մտածում վեր կացավ և հրամայեց, որ Սանչոն իսկույն թամբի ձին և փալանի էշը, մի բան, որ Սանչոն կատարեց շատ արագ և նույնքան արագ նրանք բոլորը ճամփա ընկան։ Հազիվ քառորդ մղոն էին անցել նրանք, որ երկու խաչաձևող արահետի վրա վեց հովիվ տեսան, որ գալիս էին իրենց հանդեպ։ Նրանց հագին սև ոչխարի մորթի էր, իսկ գլուխներին նոճու և դափնեվարդի տերևներից հյուսած պսակ էր դրած։ Ամեն մեկի ձեռքին մի֊մի չիչխանի մեծ փայտ կար։ Նրանց կողքին հարուստ ճամբորդական հագուստով երկու ազնվական էր ձիով գալիս, որոնց հետիոտն ուղեկցում էին երեք ծառա։ Հանդիպելով իրար՝ հովիվները քաղաքավարի ողջունեցին իրար և հարցրին իրարից, թե ով ուր է ուղևորվում։ Պարզվեց, որ բոլորն էլ ուղևորվում են թաղման տեղը, ուստի նրանք միասին առաջ գնացին։ Ձիավորներից մեկը դառնալով մյուսին, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր Վիվալդո, ինձ թվում է, թե ժամանակը, որ մեզնից կխլի այս տարօրինակ թաղման գնալը, կորած չի լինի, որովհետև անշուշտ նշանավոր բան է լինելու, եթե հավատալու լինենք այն զարմանալի բաներին, որ մեր ուղեկիցները պատմեցին մեզ թե հանգուցյալ հովվի, այնպես էլ մարդասպան հովվուհու մասին։ | ||
+ | |||
+ | ― Ես նույն կարծիքի եմ, ― պատասխանեց Վիվալդոն, ― և ոչ թե մեկ, այլ չորս օր եմ պատրաստ կորցնելու այդ բանը տեսնելու համար։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը հարցրեց նրանից, թե ինչ են լսել նրանք Մարսելայի և Խրիզոստոմոյի մասին։ Ձիավորը պատասխանեց, որ այսօր լուսաբացին նրանք հանդիպեցին այս հովիվներին և, տեսնելով նրանց սգանշանը, հարցրին, թե ինչի համար է այդ։ Նրանցից մեկը բացատրեց բանը, պատմեց Մարսելա անունով տարօրինակ և չքնաղ հովվուհու մասին, նրա բազմաթիվ երկրպագուների սիրո և Խրիզոստոմոյի մահվան մասին, որի թաղմանը նրանք գնում էին։ Մի խոսքով՝ նա դոն Կիխոտին պատմեց այն ամենը, որ սա գիտեր Պեդրոյի խոսքերից։ | ||
+ | |||
+ | Նրանց միջև այս խոսակցությունը վերջացավ և մի ուրիշը սկսվեց, որովհետև ձիավորը, որին Վիվալդո էին կոչում, դոն Կիխոտից հարցրեց, թե ինչ առիթով է նա այսքան մի խաղաղ երկրում սպառազինված ման գալիս։ Դոն Կիխոտը դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Իմ արհեստի հատկությունները, թույլ չեն տալիս ինձ և չեն արտոնում այլ կերպ ման գալու։ Հարմարությունները, ճոխությունն ու հանգիստը հնարված են մայրաքաղաքի մեղկ բնակիչների համար, իսկ աշխատանքը, տագնապը և ռազմի գործը հնարված ու ստեղծված են նրանց համար, որոնց աշխարհս անվանում է թափառական ասպետներ և որոնցից մեկը ես՝ անարժանս, համարում եմ ինձ ամենահետնյալը։ | ||
+ | |||
+ | Լսելով այս խոսքերը՝ բոլորը որոշեցին, որ նա խելագար է։ Սակայն ստուգելու և հայտնաբերելու համար, թե ինչ տեսակ խելագարություն է, Վիվալդոն մեկ էլ խոսք վերցրեց և հարցրեց, թե ի՞նչ է թափառական ասպետը։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ձերդ ողորմածությունները, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― չեն կարդացել Անգլիայի ժամանակագրություններն ու պատմությունները, որոնց մեջ պատմված են Արթուր արքայի փառապանծ սխրագործությունները, որ մեր Կաստիլի բառբառով սովորաբար կոչվում է Արթուս։ Մեծ Բրիտանիայի բովանդակ թագավորության մեջ կա մի հին, շատ տարածված ավանդություն, թե այդ արքան չի մեռել, այլ դյութանքով ագռավ է դարձած եղել, և թե կգա ժամանակ, երբ նա նորից արքա կդառնա և հետ կբերի իր թագավորությունն ու գայիսոնը։ Այդ պատճառով չէ՞, որ դուք մի անգլիացի չեք գտնի, որ այն իսկ ժամանակից մինչև հիմա գեթ մի ագռավ սպանի։ Ահա այդ բարի արքայի օրոք հիմնվեց ասպետական ուխտ Ջինեվրա թագուհու վրա, միաժամանակ նրանց միջև բարեկամ ու միջնորդը եղել է ամենապատվելի տիրուհի Կինտանյոնան ― ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես պատմվում է դրա մասին։ Ահա թե որտեղից է ծագում հայտնի երգը, որ այնքան հաճախ երգվում է մեզանում, Իսպանիայում՝ | ||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Երբեք այնքան քնքշորեն | ||
+ | Տիկինները չեն խնամել ասպետին, | ||
+ | Ինչպես արի Լանցելոտին, | ||
+ | Բրիտանիայից ժամանած․․․ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | և այլն, որ հետո քաղցր ու քնքուշ երգվում է Լանցելոտի սիրային և ռազմական գործերի մասին։ Այն ժամանակից ի վեր ասպետական այդ ուխտը աստիճանաբար աճեց և տարածվեց աշխարհիս բազում և զանազան մասերում։ Նրա մեջ փառավոր ու հռչակավոր դարձան իրենց սխրագործություններով խիզախ Ամադիս Գաղղիացին իր բոլոր որդիներով ու թոռներով մինչև հինգերորդ պորտը, քաջարի Ֆելիսմարտե Հիրկանացին և ամեն գովասանքից բարձր Տիրանա Ճերմակը։ Իսկ անհաղթ և արի ասպետ դոն Բելյանիս Հունաստանցուն մենք գրեթե մեր օրերում տեսանք, շփվեցինք նրա հետ ու լսեցինք նրան։ Ահա՛, սինյորներ, ինչ է նշանակում թափառական ասպետ լինելը և ահա՛ թե ինչ է այդ ասպետական ուխտը։ Նրան, ինչպես արդեն ասացի, պատկանում եմ և ես՝ մեղավորս, և այն ամենը, որ դավանել են վերոհիշյալ ասպետները, դավանում եմ նաև ես։ Ուստի թափառում եմ այս մենավոր և ամայի վայրերում արկածախնդիր, թուր ու կրծքով բոլոր բախտի առաքած վտանգները դիմավորելու ու զուրկերին պաշտպանելու հաստատ վճռականությամբ։ | ||
+ | |||
+ | Այս ճառից հետո դոն Կիխոտի ուղեկիցները վերջնականապես հասկացան և՛ այն, որ նա խելագար է, և՛ այն, թե ինչ տեսակ խելագարություն է պաշարել նրան։ Նրանք ապշած էին մնացել, ինչպես, ասենք, բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ հանդիպում էին մեր ասպետին։ Իսկ Վիվալդոն՝ սրամիտ և ուրախ մեկը, ճամփի մնացորդը անձանձիր անցկացնելու համար (հովիվների ասելով՝ այն տեղը լեռներում, որտեղ տեղի պիտի ունենար թաղումը, արդեն բոլորովին մոտ էր) վճռեց դոն Կիխոտին առիթ տա իր ցնդաբանությունը շարունակելու, ուստի և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր թափառական ասպետ, ինձ թվում է, թե ձերդ ողորմածությունն ընտրել է աշխարհիս ամենադժվարին արհեստներից մեկը, և ես հավատացած եմ, որ կարտեզյան վանականների կյանքն անգամ այդչափ դժվարին չի եղել։ | ||
+ | |||
+ | ― Թերևս պակաս դժվարին չէ նրանց կյանքը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն պակաս անհրաժեշտ է մարդկության համար ― ձեռքս կտամ կտրեն, թե սա ճիշտ չլինի։ Որովհետև, եթե ճիշտ խոսելու լինենք, ապա զինվորը, որ կատարում է իր պետի հրամանը, պակաս կարևոր գործ չի կատարում, քան ինքը պետը, որ հրաման է արձակում։ Ես ուզում եմ ասած լինել, որ վանականները խաղաղ ու հանգիստ աղոթում են առ երկինք երկրի բարօրության համար, իսկ մենք՝ զինվոր ու ասպետներս, կատար ենք ածում այն, ինչի համար որ նրանք աղոթում են՝ մենք, մեր բազկի զորությամբ և մեր սրի սուր ծայրով պաշտպանում ենք երկիրը, այն էլ ոչ թե տանիքով ծածկված, այլ բաց երկնքի տակ՝ դառնալով թիրախ, որին ամառը արևի անտանելի ճառագայթներն են հարվածում, ձմեռը ծակծկող սառնամանիքը։ Ուստի մենք աշխարհիս երեսին Աստծո ծառաներն ենք, մենք այն ձեռներն ենք, որոնց միջոցով երկրի վրա իրականանում է արդարությունը։ Եվ որովհետև ռազմական և հարակից այլ գործերով առանց մեծ լարվածության, քրտինքի և աշխատանքի չի կարելի պարապել, ուստի դրանից բխում է, որ այդ գործին նվիրածները, անտարակույս, աշխատում են ավելի, քան նրանք, ովքեր անխռով խաղաղության և հանգստի մեջ խնդրում են, որ Աստված ողորմի զրկանքներին։ Ես չեմ ուզում ասած լինել ― այդպիսի միտք գլխովս էլ չի կարող անցնել ― որ թափառական ասպետների գործը նույնքան սուրբ է, ինչպես փակ վանականների կյանքը։ Ես միայն այն զրկանքներից, որ պատահում է ինձ կրել, եզրափակում եմ, որ մեր գոյությունն ավելի ծանր է, աղքատիկ, մաշող, աղեքարշ, ավելի է ենթակա քաղցի, ծարավի, ոջլոտության, որովհետև անտարակույս է, որ բոլոր վաղեմի թափառական ասպետներին իրենց կյանքի ընթացքում պատահել է կրել բազմաթիվ տառապանքներ։ Իսկ եթե նրանցից մեկն ու մեկին աջողել է սեփական սրի զորությամբ կայսր դառնալ, ապա հավատացած եղեք, որ այդ քիչ քրտինք ու արյուն չի նստել։ Համ էլ, եթե այդ բարձր աստիճաններին հասնելու պահին նրանց օգնած չլինեին իմաստուններն ու կախարդները, ապա նրանք իրենց թե՛ ցանկություններում խաբված կմնային, թե՛ իրենց հույսերում հիասթափված։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն համաձայնեմ ձեզ հետ, ― պատասխանեց ճամբորդը, ― սակայն թափառական ասպետների մասին բոլոր իմացածներիցս մեկ բան չեմ հավանում՝ երբ որ նրանք որևէ մեծ և վտանգավոր արկածի մեջ են նետվում, որի մեջ նրանց կյանքը ենթարկվում է ակներև վտանգի, այդ վճռական վայրկյանին նրանց գլխով երբեք չի անցնում հանձնել իրենց Աստծո ողորմածությանը, ինչպես նման վտանգի միջոցին պարտավոր է անել յուրաքանչյուր քրիստոնյա, ընդհակառակը՝ նրանք հանձնում են ինքներն իրենց տիկիններին, այն էլ այնպիսի ջերմությամբ ու ակնածությամբ, ասես թե այդ աղջիկները աստվածություն են։ Խոստովանում եմ, դրանից մի քիչ հեթանոսության հոտ է փչում։ | ||
+ | |||
+ | ― Այլ կերպ չի էլ կարող լինել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և եթե թափառական ասպետն այդ չաներ, նա ինքն իրեն խայտառակած կլիներ։ Որովհետև թափառական ասպետության մեջ կանոն և սովորույթ կա, որ թափառական ասպետը, պատրաստվելով մեծ մարտի մեջ մտնելու, սիրով ու քնքշությամբ հայացք գցի իր տիկնոջ վրա, եթե նա ներկա է, կարծես թե խնդրելով նրա օգնությունն ու պաշտպանությունը առաջիկա ծանր փորձության մեջ, և անգամ եթե ոչ ոք չի լսում, նա պետք է ատամների արանքից մի քանի խոսք շշնջա, ամբողջ սրտով կոչելով նրա ողորմածությունը։ Վեպերում դուք կգտնեք անթիվ օրինակներ այդ բանի։ Սակայն դրանից չի կարելի եզրակացնել, որ ասպետներն իրենց Աստծուն պահ չեն տալիս՝ դրա համար նրանք միշտ ժամանակ էլ կունենան, դեպք էլ՝ հենց մարտի ընթացքում։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, ― պատասխանեց ճամփորդը, ― իմ մեջ կասկած է մնում։ Շատ անգամ ես կարդացել եմ, որ երկու թափառական ասպետ վեճի են բռնվում, ապա աստիճանաբար վառվում ցասումով, շուռ են տալիս ձիերը և գնում մի կողմ, որ այնտեղից թափով քշեն գան, հարձակվեն իրար վրա, և սրընթաց արշավի պահին իրենց պահ են տալիս իրենց տիկիններին։ Իսկ կռիվը սովորաբար վերջանում է նրանով, որ նրանցից մեկն ու մեկը վայր է ընկնում ձիուց մեջքի վրա, խոցված հակառակորդի նիզակով, իսկ մյուսը պինդ բռնում է ձիու բաշից և միայն այդ պատճառով գետին չի գլորվում։ Եվ ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե սպանված ասպետը ինչպե՞ս կարող է այդքան արագընթաց մարտի միջոցին իրեն Աստծուն պահ տալու ժամանակ ունեցած լինել։ Նրա համար ավելի լավ կլիներ, եթե ձին քշելիս նա տիկնոջը կոչելու վրա ժամանակ կորցրած չլիներ, այլ՝ իր քրիստոնեական պարտք ու պարտավորության վրա, մանավանդ որ ― ես հավատացած եմ ― հո բոլոր թափառական ասպետները հնարավորություն չունեն իրենց պահ տալու իրենց տիկիններին, քանի որ բոլորն էլ հոր սիրահարված չե՛ն լինում։ | ||
+ | |||
+ | ― Այդ հնարավոր չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ես ուզում եմ ասած լինել, որ առանց տիկնոջ թափառական ասպետ լինել չի կարող, քանի որ նրանցից ամեն մեկին նույնքան հատուկ է սիրահարված լինել, ինչպես երկնքին՝ աստղեր ունենալ, և կարելի է հաստատ ասել, որ աշխարհիս երեսին այնպիսի վեպ չկա, որի մեջ թափառական ասպետն անսեր լինի՝ չէ՞ որ եթե այդպիսի անսեր ասպետ եղած լիներ, նա դրանով իսկ ապացուցած կլիներ, որ ինքը ապորինի ասպետ է, ասպետության խորթ զավակն է, որ նա ասպետության ամրոցը մտել է ոչ թե դարպասից, այլ թռել է պատի վրայով գող ավազակի պես։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, ― առարկեց ճամփորդը, ― ինձ թվում է, եթե միայն հիշողությունս ինձ չի դավաճանում, թե դոն Գալաորը՝ արի Ամադիս Գաղղիացու եղբայրը, երբեք ազնվազարմ տիկին չի ունեցել, որին կարողանար իրեն պահ տալ, և ոչ ոք նրան չի մեղադրել, որովհետև նա շատ արի և փառավոր ասպետ է եղել։ | ||
+ | |||
+ | Դրան մեր դոն Կիխոտը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր, մեկ ծիծեռնակը գարուն չի բերում, բացի այդ՝ ինձ հայտնի է, որ այդ ասպետը գաղտնի սաստիկ սիրահարված է եղել։ Եվ եթե նա սիրաշահում էր բոլոր տիկիններին, որ նրան դուր էին գալիս, ապա այդ բնական հակումից մղված էր անում, որ չէր կարողանում զսպել։ Սակայն ինձ համար միանգամայն ակներև է, որ նա ունեցել է տիկին, որին նա իր սրտի տիրուհին էր դարձրել և որին նա միշտ և գաղտնի իրեն պահ էր տալիս, որովհետև ձգտում էր շատ գաղտնի ասպետ լինել։ | ||
+ | |||
+ | ― Քանի որ դուք պնդում եք, ― ասաց ճամփորդը, ― որ յուրաքանչյուր ասպետ ըստ իր էության պետք է սիրահարված լինի, ապա դրանից կարելի է հետևեցնել, որ ձեր ողորմածությունն էլ է սիրահարված, որովհետև դուք այդ ուխտին եք պատկանում։ Եվ եթե ձերդ ողորմածությունը չի ձգտում դոն Գալաորի չափ գաղտնապահ լինել, ապա ես շատ և շատ խնդրում եմ ձեզնից իմ և բոլոր հասարակության անունից՝ հայտնել ձեր չքնաղ տիկնոջ անունը, ծննդավայրը և տիտղոսը։ Որովհետև նա պետք է երջանիկ լինի, եթե ամբողջ աշխարհը իմանա, որ նրան սիրում ու ծառայում է այնքան ականավոր մի ասպետ, ինչպիսին ներկայանում է ինձ ձերդ ողորմածությունը։ | ||
+ | |||
+ | Այստեղ դոն Կիխոտը խորը հոգվոց քաշեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարող պնդել, թե իմ քնքուշ թշնամուն ցանկալի է, որ արար աշխարհն իմանա՝ ինչպե՞ս եմ ես ծառայում նրան։ Ձեր այնքան քաղաքավարի հարցին ի պատասխան մի բան միայն կարող եմ ասել՝ նրան Դուլսինեա են կոչում, նրա ծննդավայրը Տոբոսն է Լամանչի մի շեն, նա առնվազն իշխանուհի է, քանի որ նա իմ տիրուհին ու թագուհին է։ Նրա գեղեցկությունը գերմարդկային է, որովհետև գեղեցկության բոլոր անհնարին և ցնորական հատկանիշները, որոնցով պոետները օժտում են իրենց տիկիններին, նրա մեջ իրականություն են։ Նրա մազերը ոսկին են, դեմքը՝ Ելիսեյան դաշտ, հոնքերը՝ երկնային ծիածան, աչքերը արևներ, այտերը՝ մարմար, ձեռները՝ փղոսկր, մորթի սպիտակությունը՝ ձյուն, իսկ մարմնի այն մասերը, որ ողջախոհությունը թաքցնում է մարդկային հայացքից, այն տեսակ են, որ իմ կարծիքով ու հասկացողությամբ, նրանցով կարելի է լոկ համեստաբար հիանալ, որովհետև ամեն համեմատությունից վեր են։ | ||
+ | |||
+ | ― Մենք կկամենայինք իմանալ նրա ծագումը, ցեղի պատմությունն ու ծննդաբանությունը, ― ասաց Վիվալդոն։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Նա սերում է ո՛չ թե հին հռոմեական Կուրցիոսներից, Կայերից կամ Սցիպիսներից և ո՛չ այժմյան հռովմայեցիներից՝ Կոլոննա և Օբսինի, ո՛չ կատալոնցի Մոնկադաներից և Ռեկեսեններից, նմանապես ո՛չ վալենսական Ռեբելյաներից և Վիլյանովաներից, արագոնացի Ալադոններից, Ուրրեաներից, Ֆոսսերից և Հուրրեաներից, Կաստիլցի Սերդաներից, Մանրիկեներից, Մենդոսներից և Հուսմաններից, պորտուգալացի Ալենկաստրոներից, Պալյաներից և Մենեսներից։ Նա Տաբոս Լամանչեցիների ցեղից է, որ այնքան էլ հին չէ, բայց կարող է ազնիվ սկիզբ դնել ամենաազնվական սերունդների գալիք ժամանակներում։ Եվ եթե մեկն ու մեկի խելքին փչի առարկելու ինձ, ես նրա առջև կդնեմ նույն պայմանները, որ Զերբինոն դրեց Ռոլանդի ավարի ներքո՝ | ||
+ | <poem> | ||
+ | |||
+ | ․․․Նրանց ձեռք տալու նա՛ է լոկ արժան, | ||
+ | Ով ռազմիկ է քաջ Ռոլանդի նման։<ref>Արիոստո, «Կատաղի Ռոլանդ», երգ XXIV, 57։</ref> | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | ― Թեև ես Լարեդցի Կաչոպինների<ref>Հանաքով տրված անուն ոչ ազնվատոհմ ծագում ունեցող, Ամերիկայում հարստացած մարդկանց։ Այդ մականունը մի քիչ փոխված ձևով (գապուչիններ) մինչև այժմ էլ գործ է ածվում Հարավային Ամերիկայում այն իսպանացիների նկատմամբ, որոնք այնտեղ են մեկնում հարստանալու նպատակով։</ref> ցեղից եմ սերում, ― պատասխանեց ճամփորդը, ― բայց չեմ հանդգնի նրան Տոբոս Լամանչեցիների ցեղին համեմատելու, թեև ճիշտն ասած, մինչև օրս ես եբեք այդպիսի անուն լսած չկամ։ | ||
+ | |||
+ | ― Դուք ասացիք, ես էլ հավատացի, որ չե՜ք լսել, ― բացականչեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | Մեր զրուցակիցների ուղեկիցները մեծ ուշադրությամբ լսում էին նրանց խոսակցությունը, և հիմա հովիվներն անգամ գլխի ընկան, որ մեր դոն Կիխոտը վերջնականապես ցնդել է։ Մենակ Սանչո Պանսան էր հավատացած, որ իր տիրոջ բոլոր խոսքերը զուտ ճշմարտություն են, որովհետև նա լավ էր ճանաչում նրան և ծանոթ էր նրա ծննդյան օրից։ Մի բան միայն նրան կասկածելի էր թվում, ― դա չքնաղ Դուլսինեա Տոբոսցու գոյությունն էր, որովհետև թեև նա Տոբոսոյի մոտերքում էր ապրում, դեռ երբեք այդպիսի անուն և այդպիսի իշխանուհու մասին լսած չկար։ Այսպես զրուցելով, նրանք շարունակեցին ուղին, մինչև որ վերջապես երկու բարձր սարի միջև՝ կիրճում մի երկու տասնյակ հովիվներ տեսան, որ սև ոչխարի մորթ ունեին հագին և գլուխներին դրել էին պսակներ, որոնք, ինչպես շուտով պարզվեց, մասամբ նոճու, մասամբ կարմրածառի ճյուղերից էին հյուսված։ Վեց հոգի նրանցից տանում էին մի պատգարակ՝ ծածկված զանազան ծաղիկներով ու ճյուղերով։ Տեսնելով այդ՝ մեր հովիվներից մեկն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա, տեսնում եմ Խրիզոստոմոյի դիակը։ Այս լեռան ստորոտում է նա հրամայել թաղել իրեն։ | ||
+ | |||
+ | Մեր ճամփորդներն արագացրին քայլերը և մոտեցան հենց այն վայրկյանին, երբ պատգարակը դրված էր գետնի վրա, և պատգարակը կրողներից չորս հոգի սրածայր քլունքներով սկսել էին փորել գերեզմանը՝ լերկ ժայռից ոչ հեռու։ | ||
+ | |||
+ | Երկու խումբը ողջույններ փոխանակեցին, և դոն Կիխոտն իր ուղեկիցների հետ իսկույն մոտեցավ պատգարակին, և նրանք տեսան վրան, ծաղիկների մեջ թաղված, հանգուցյալին, որ, տեսքին նայած, մոտ երեսուն տարեկան էր և ուներ հովվի հագուստ։ Նայելով մեռածին՝ չէր կարելի չհետևցնել, որ նա կենդանի ժամանակ գեղեցիկ դեմք և վայելուչ կազմվածք էր ունեցել։ Նրա շուրջը, պատգարակի վրա մի քանի գիրք ու ձեռագիր էր ընկած, որոնցից մի քանիսը բաց էր։ Ներկա եղողները՝ և՛ նրանք, որ նայում էին, և՛ նրանք, որ գերեզման էին փորում, և բոլոր մնացածները ― խորին լռություն էին պահպանում, մինչև որ պատգարակը բերողներից մեկն ասաց մյուսին․ | ||
+ | |||
+ | ― Մի լավ նայեք, Ամբրոսիո, այն տե՞ղն է սա, որի մասին ասում էր Խրիզոստոմոն, քանի որ դուք կամենում եք նրա կտակը ամենայն ճշտությամբ կատարած լինել։ | ||
+ | |||
+ | ― Այո, հենց այն է, որ կա, ― պատասխանեց Ամբրոսիոն, ― քանի՜֊քանի՜ անգամ, այստեղ նստած, իմ դժբախտ բարեկամը պատմել է իր ցավագին պատմությունը։ Այստեղ, նրա ասելով, նա առաջին անգամը տեսել է մարդկային ցեղի մահազդու այդ թշնամի Մարսելային, այստեղ նա առաջին անգամը նա բաց է արել իր ազնիվ և սիրահարված սիրտը, և այստեղ վերջին անգամը Մարսելան իր արհամարհանքով նրան հուսահատեցրեց, որից հետո նա վճռեց ավարտել իր չարաչար կյանքի ողբերգությունը։ Եվ ահա, ի հիշատակ այսքան աղետների, նա կամեցավ, որ հենց այստեղ նրան հավիտյան մոռացման ծոցն ընկղմեն։ | ||
+ | |||
+ | Եվ դառնալով դոն Կիխոտին ու նրա ուղեկիցներին, նա շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Այս մարմինը, սինյորներ, որին դուք նայում եք ցավակցությամբ, իր մեջ պահում էր մի հոգի, որին երկինքը շնորհել էր իր անհամար գանձերը։ Սա Խրիզոստոմոյի աճյունն է, որ առաջինն էր խելքով, միակը՝ քաղաքավարությամբ, աննմանը՝ ազնվությամբ, բարեկամության փյունիկը, անչափ մեծահոգին, արժանավորը առանց մեծամտության, ուրախը առանց սանձարձակության, մի խոսքով՝ առաջնագույնը բոլոր առաքինություններով, որ չունեցավ իրեն հավասարը իր դժբախտություններով։ Նա սիրում էր ― նրան ատում էին, նա աստվածացնում էր ― նրան մերժում էին։ Նա աղերսում էր գազանային սրտին, սեր հայցում մարմարե կուռքից, ընկել էր քամու ետևից, կանչում էր անապատում, ծառայում էր անսրտության մարմնացումին ― և ահա՛, ի պարգև այդ ամենի, նա մահվան ավար դարձավ ծաղիկ հասակում։ Նրան սպանեց հովվուհին, որին նա ձգտում էր անմահացնել, որպեսզի նա ապրի մարդկանց հիշողության մեջ, դրան ապացույց ձեռագրերը, որ ձեր աչքի առջև են, եթե նա հրամայած չլիներ հրին մատելու դրանք, իր մարմինը հողին հանձնելուց հետո։ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք այդ անելու լինեք, ― առարկեց Վիվալդոն, ― դուք ավելի դաժան ու խստասիրտ վարված կլինեք, քան ինքը տերը, որովհետև պետք չէ և կարիք չկա կատարել այն հրամանները, որ առողջ իմացականության հակառակ են։ Եվ անարդարացի կլիներ կայսր Օգոստոսը, եթե նրան թույլ տար կատարելու այն, ինչ կտակել էր աստվածային մանտուանեցին։<ref>Աստվածային մանտուանցին ― Վերգիլիոս (ծագումով Մանտուա նահանգից), ըստ ավանդության՝ կտակել է, որ այրեն իր «Էնեականի» ձեռագիրը։</ref> Ուստի, սինյոր Ամբրոսիո, հանձնեցեք հողին ձեր բարեկամի աճյունը, բայց մոռացության մի՛ք մատնի նրա գրությունները։ Որովհետև, եթե նա նեղացած հրամայել էլ է անել այդ, պետք չէ՛, որ դուք առանց դատողության կատարեք, ընդհակառակը՝ թող նրա գրություններն ապրեն և թող նրանց մեջ ապրի հավետ Մարսելայի դաժանությունը, և թող ապագայում դա բոլոր կենդանի մնացածների համար խրատ լինի, որպեսզի նման անդունդներ ընկնելուց զգուշանան և խուսափեն։ Ե՛ս էլ, իմ բոլոր ուղեկիցնե՛րն էլ գիտենք արդեն ձեր սիրահարված և հուսահատված բարեկամի պատմությունը, թե որքան խորը դուք նրան սիրելիս եք եղել և ինչպես է նա մահացել և ինչ է կտակել ձեզ մեռնելուց։ Այս ողբալի վեպից կարելի է հետևեցնել, թե որքան մեծ է եղել Մարսելայի խստասրտությունը, Խրիզոստոմոյի սերն ու ձեր հավատարիմ բարեկամությունը։ Ահա՛ թե ի՜նչ նպատակի են սլանում աչքերը խուփ նրանք, որոնց ուղի է ցույց տալիս սերը։ Երեկ երեկոյան մենք տեղեկացանք Խրիզոստոմոյի վախճանի մասին և որ նրա թաղումը տեղի կունենա այստեղ։ Ափսոսանքն ու հետաքրքրությունը հարկադրեցին մեզ ծռել ուղիղ ճամփից, և մենք վճռեցինք մեր աչքերով տեսնել այն, ինչի պատմությունը մեզ այնքան խղճահարեց։ Եվ ահա՛, որպես վարձատրություն մեր ցավակցության և ցանկության՝ օգնելու ձեր ցավին, մենք խնդրում ենք քեզնից, որ այդ թղթերը չայրեք և գոնե մի քանիսը տաք ինձ։ | ||
+ | |||
+ | Եվ, առանց հովվի պատասխանին սպասելու, նա մեկնեց ձեռքը և բռնեց ձեռագրերը, որ ավելի մոտ էին նրան։ Տեսնելով այդ՝ Ամբրոսիոն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձեզ սիրալիրություն անելու համար, սինյոր, ես համաձայն եմ ձեզ տալու այն թղթերը, որ դուք արդեն վերցրիք, բայց զուր կլիներ ձեր հույսը, որ մնացածը չի այրվի։ | ||
+ | |||
+ | Վիվալդոն, որ կամենում էր ծանոթանալ ձեռագրերի բովանդակությանը, իսկույն նրանցից մեկը բաց արեց և կարդաց վերնագիրը՝ «Հուսահատության երգ»։ Ամբրոսիոն լսեց ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դա վերջին պոեմն է, որ գրել է իմ դժբախտ բարեկամը, և եթե դուք կամենում եք տեսնել, թե ինչ օրի հասցրին նրան դժբախտությունները, կարդացեք բարձր, որպեսզի ձեզ բոլորը լսեն՝ դուք ժամանակ կունենաք այդ անելու, մինչև հովիվները գերեզմանը փորեն պրծնեն։ | ||
+ | |||
+ | ― Սիրով կկարդամ, ― պատասխանեց Վիվալդոն։ | ||
+ | |||
+ | Եվ որովհետև բոլոր ներկա եղողները կամենում էին լսել, նրանք խմբվեցին նրա շուրջը, և նա պարզ ձայնով սկսեց այսպես։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XIV== | ||
+ | |||
+ | Որտեղ բերված են հուսահատ հովվի ոտանավորները և այլ անսպասելի եղելություններ | ||
+ | |||
+ | |||
+ | Խրիզոստոմոյի երգը | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Անգո՛ւթ, եթե կամենամ ես հիրավի, | ||
+ | Որ տոհմից֊տոհմ, երկրից֊երկիր, ամենուր | ||
+ | Բերնե֊բերան քո համբավը տարածվի, | ||
+ | Ազդարարվի դաժանությունդ անլուր, | ||
+ | Լա՛վ իմացիր, այնպե՜ս, այնպես ես կանեմ, | ||
+ | Որ դժո՛խքն իսկ ուժ կտա ինձ և ավյուն, | ||
+ | Կներարկի վերքերիս մեջ մաղձ ու թույն, | ||
+ | Եվ ես քեզ հետ ուրի՜շ լեզվով կխոսեմ։ | ||
+ | Ես կպատմեմ, կազդարարեմ աշխարհին | ||
+ | Վշտիս մասին ու վարմունքի քո դաժան, | ||
+ | Եվ ձայնիս մեջ կթրթռան տենդագին | ||
+ | Բեկորները իմ տանջահար էութայն։ | ||
+ | Դու կլսես ոչ թե ձայներ ներդաշնակ, | ||
+ | Այլ ճիչ հոգու՝ խռովահույզ, մոլեգին, | ||
+ | Որը բանտված սիրատոչոր կրծքիս տակ, | ||
+ | Պիտի պոռթկա ու փոթորկի քո հոգին։ | ||
+ | |||
+ | |||
+ | Մռնչյունը նետահարված առյուծի, | ||
+ | Ձիգ ոռնոցը չար, սովատանջ գայլամոր, | ||
+ | Վրիժավառ, ցասկոտ ֆշշոցը օձի, | ||
+ | Հրեշների խոլ քրքիջը ահավոր, | ||
+ | Չարագուշակ կռնչյունը ագռավի, | ||
+ | Շառաչյունը մրրիկների ալեհույզ, | ||
+ | Որ գեհեն են դարձնում ընդերքը ծովի, | ||
+ | Եվ մահամերձ եզան բառաչը անհույս, | ||
+ | Հեզ աղավնու մնչյունն անո՜ւշ, սրտագե՜ղ, | ||
+ | Բուի ողբը միալար ու հոգեմաշ, | ||
+ | Տարտարոսի դժնի ժխորը ահեղ | ||
+ | Եվ անսփոփ հառաչանքն իմ աղեխարշ ― | ||
+ | Թող այս բոլորն ի մի ձուլվեն ու պոռթկան, | ||
+ | Ցնցե՛ն, այրե՛ն, լսողի սիրտն ու հոգին․․․ | ||
+ | Ավա՜ղ, չունեմ ուրիշ միջոց մոգական | ||
+ | Ցույց տալու իմ տվայտանքը աշխարհին։ | ||
+ | |||
+ | |||
+ | Բայց չեն լսի հառաչանքս ողբաձայն | ||
+ | Ոչ ավազներն իմ հայրենի Տագոյի, | ||
+ | Ո՛չ Բեթիսի ձիթենիները բուրյան։ | ||
+ | Վես լեռներում, ժեռոտ գրկում վիհերի, | ||
+ | Թավուտներում, հովիտներում ծաղկազարդ, | ||
+ | Ուր չի դրել մարդն իր ոտքը տակավին, | ||
+ | Ու վայրերում արևազուրկ ու անհայտ, | ||
+ | Ճողփյունի տակ զեռունների նեղոսյան, | ||
+ | Որ լիբիացու շնորհներով են սնվում, ― | ||
+ | Հառաչանքս կծավալվի ողբաձայն | ||
+ | Ու կմեռնի արձագանքի պես տրտում․․․ | ||
+ | Բայց թող անդորը անապատում ամայի | ||
+ | Տառապանքիս ձայնը հնչի այսուհետ, | ||
+ | Ողջ աշխարհին անգթությունդ պատմի, | ||
+ | Ճակատագիրն իմ դաժան ու չարաղետ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Քամահրանքը կեղեքում է իմ հոգին, | ||
+ | Սպառվում է համբերությունս արդեն, | ||
+ | Կասկածներս արդյոք զո՞ւր են, թե՞ տեղին, | ||
+ | Տոչորում է սիրտս խանդը հրեղեն։ | ||
+ | Բաժանումից ի՞նչ կա ծանր առավել, | ||
+ | Երբ լքումն է սիրող սրտին սպառնում․․․ | ||
+ | Հույսն ինչքան էլ փորձի սիրտն այդ սփոփել, | ||
+ | Զուր է, այնտեղ մահվան գիշեր է իջնում։ | ||
+ | Մինչդեռ ես կամ հրաշքով մի անմեկին, | ||
+ | Ճաշակում եմ թույնը խանդի ու լքման, | ||
+ | Եվ գիտեմ, որ ընդմիշտ մերժված է հոգիս։ | ||
+ | Մորմոքում եմ և չունեմ ելք փրկության։ | ||
+ | Տանջվում եմ ես տիվ ու գիշեր | ||
+ | Եվ խզում եմ իմ հույսի թելը վերջին, | ||
+ | Որ անդունդը տանջանքներիս անհամար | ||
+ | Էլ ավելի խորանա ու խավարի։ | ||
+ | |||
+ | |||
+ | Մի՞թե, մի՞թե հնարավոր է կյանքում | ||
+ | Միաժամանակ և՛ երկնչել, և՛ հուսալ, | ||
+ | Երբ հույսն աղոտ և խորն են ահ ու անկում․․․ | ||
+ | Կարո՞ղ եմ ես ուսիս խանդի լուծն զգալ, | ||
+ | Սակայն լռել ցավիս մասին հոգետանջ։ | ||
+ | Ո՞վ, ո՞վ արդյոք երկմտության, հեգնանքի | ||
+ | Սև դռները բաց չի անի քո առաջ, | ||
+ | Երբ հայտնի է, որ տանջված ես դառնագին | ||
+ | Եվ ծաղրված, արհամարհված վատաբար, | ||
+ | Երբ ճշմարիտն արդեն թվում է կեղծիք․․․ | ||
+ | Ո՛վ խանդ, սիրո տառապանքի՛ տիրամայր, | ||
+ | Շղթայի՛ր ինձ, դիր ձեռքերիս կապանքներ․․․ | ||
+ | Բայց կամովքի՞ տանջանքներով անհամար | ||
+ | Սիրող սիրտս, որ խոցված է կարեվեր։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ես կմեռնեմ ու որպեսզի չխմեմ | ||
+ | Դառը թույնը կյանքի հույսի ու մահվան, | ||
+ | Աշխարհով մեկ ես անդադար կգոչեմ․ | ||
+ | Ճշմարիտը սիրող սրտե՛րն են միայն։ | ||
+ | Այն հոգին է միայն ազատ լուսնի տակ, | ||
+ | Որ տրվում է խոնարհաբար Ամուրին։ | ||
+ | Ես կգոչեմ, որ մաքուր են, անապակ | ||
+ | Իմ սիրածի և՛ մարմինը և՛ հոգին։ | ||
+ | Իսկ որ հեգնում, քամահրում է ինձ այսպես, | ||
+ | Դրա համար հանցավոր եմ միայն ես, | ||
+ | Ես կգոչեմ, որ Ամուրը աշխարհին | ||
+ | Տանջանքի հետ շնորհում է և բարին։ | ||
+ | Այս մտքի հետ վզիս՝ օղակը մահվան, | ||
+ | Ես քարշ կտամ ճակատագիրս տրտում, | ||
+ | Եվ կքայլեմ դեպի մթին գերեզման, | ||
+ | Ուր մղում են ինձ ահա վերք ու մերժում։ | ||
+ | Ես հողմերին կտամ հոգի ու մարմին, | ||
+ | Ու բաժին չի մնա ինձնից էլ փառքին։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ո՛վ դու, որի վարմունքն անխիղճ, անարդար | ||
+ | Ապացույցն է իմ անսփոփ տանջանքի, | ||
+ | Երբ իմանաս իմ վերքերից անհամար | ||
+ | Որ բորբ սիրտս հեզ ստրուկն է թովչանքիդ, | ||
+ | Ու լազուրը պայծառ, անվիշտ աչքերիդ | ||
+ | Թե մռայլվի, մթնի հանկարծ իմ մահով, | ||
+ | Օ՛, մի՛ ցողիր արտասուքի ոչ մի շիթ, | ||
+ | Թող չտխրի հպարտ հոգիդ սիրաթով։ | ||
+ | Չեմ ուզում, որ նշխարներս հողեղեն | ||
+ | Ծանր զղջման արցունքներդ հեղեղեն։ | ||
+ | Ոչ, ծիծաղի՛ր, երբ լսես բոթն իմ մահվան, | ||
+ | Ինչո՞ւ իզուր քեզ տանջի վիշտը ունայն, | ||
+ | Բայց աղերսն իմ, գիտեմ, շատ է միամիտ, | ||
+ | Քանզի մահն իմ կուրախացնի լոկ հոգիդ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ժամն է արդեն, ո՞ւր է, թող գա, հայտնվի | ||
+ | Տանտալն անհագ՝ Տարտարոսից իր խավար, | ||
+ | Անագորյուն Սիզիֆը թող հայտնվի, | ||
+ | Ժայռեր բերի ու դարձնի շիրմաքար։ | ||
+ | Իկսիոնը թող գա կառքով սրընթաց, | ||
+ | Տիցիոսը՝ ուրուրի հետ իր սիրած, | ||
+ | Եվ Դանայան քույրերն՝ իրենց տակառով | ||
+ | Թող գան, թող գան խայտաճամուկ թափորով, | ||
+ | Եվ ամենքն էլ թող տանջանքներ տան հերթով, | ||
+ | Ու անպատանք մարմնիս վրա թող կարդան | ||
+ | Տխուր ախոթքն հրաժեշտի մեղմաձայն։ | ||
+ | Թող ձայնակցեն Տարտարոսից խորախոր | ||
+ | Եռագլուխ դռնապանը դժոխքի, | ||
+ | Հրեշները, քիմեոները ահավոր․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | Ահա՛ միակ մեծարումը մերժվածի։ | ||
+ | Ո՛վ ճիչ հոգու, այսքան վհատ մի հնչիր, | ||
+ | Ինձ թաղելիս սքողի՛ր վիշտն իմ անծիր, | ||
+ | Զի նա, որ քեզ ցավեր տվեց անպատում, | ||
+ | Քո մահվան մեջ իր մեծարումն է տեսնում։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Բոլոր ունկնդիրներին շատ դուր եկավ Խրիզոստոմոյի երգը, բայց Վիվալդոն կարդալուց հետո նկատեց, որ նա չի համապատսխանում Մարսելայի համեստության և առաքինության մասին շրջող լուրերին, քանի որ իր ոտանավորում գանգատվում է խանդից, կասկածներից և անջատումից, իսկ այս ամենն արատավորում է Մարսելայի բարի անունը։ Ամբրոսիոն, որ լավ գիտեր իր բարեկամի ամենածպտյալ մտքերը, պատասխանեց դրան․ | ||
+ | |||
+ | ― Ձեր կասկածները ցրելու համար, սինյոր, ես պետք է ձեզ ասեմ, որ իմ դժբախտ բարեկամը այդ երգը հորինել է Մարսելայից հեռու եղած պահին և բաժանվել է նրանից իր բարի կամքով, որպեսզի տեսնի՝ չի՞ անի նրա վրա անջատումը իր սովորական ազդեցությունը, իսկ որովհետև սիրահարին անջատման միջոցին ամեն ինչ անտանելի և կասկածելի է թվում, Խրիզոստոմոյին էլ հերյուրած խանդ ու երկչոտ կասկածներ էին կեղեքում, այնպես, ինչպես եթե նրանք ունենային հիմք։ Իսկ այն, ինչ լուրերն են ասում Մարսելայի առաքինությունների մասին, մնում է որպես ճշմարտություն։ Ճիշտ է, նա խստասիրտ է, քիչ գոռոզ է և սաստիկ արհամարհող, գալով մնացյալին, ինքը նախանձը չի կարող նրա մեջ և ոչ մի պակասություն գտնել։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, դա ճիշտ է, ― պատասխանեց Վիվալդոն։ | ||
+ | |||
+ | Եվ նա մտադիր էր կրակից փրկած ձեռագրերից մեկն էլ կարդալ, սակայն նրան խանգարեց հրաշալի մի տեսիլ (այդպես էր թվում), որ հանկարծակի երևաց նրանց առջև՝ ժայռի կատարին, որի ստորոտում գերեզման էին փորում, երևաց հովվուհի Մարսելան, ― և այնքան չքնաղ էր նա, որ նրա գեղեցկությունը գերազանցում էր այն ամենը, որ նրա մասին ասում էին։ Նրանք, ովքեր նրան առաջ չէին տեսել, լուռ ու սքանչացումով նայում էին նրան, ասենք՝ նրանք էլ, ովքեր սովոր էին նրան հանդիպելու, նրան երբեք չտեսածներից պակաս չէին ապշած։ Սակայն Ամբրոսիոն նրան տեսավ թե չէ, ցասկոտ շեշտով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ամեհի վասիլիսկ այս լեռների, նրա՞ համար ես եկել, որ տեսնես, թե քո մոտենալուց կթափվի, թե չէ արյունը այն դժբախտի վերքերից,<ref>Ակնարկում է այն ժողովրդական հավատալիքը, ըստ որի սպանվածի վերքերը բացվում են, երբ սպանողը մոտենում է։</ref> որին զրկել է կյանքից քո խստասրտությունը։ Կամ, գուցե, դու ուզում ես պարծենալ քո դաժան բնավորության արածով, կամ թե չէ անսիրտ Ներոնի նման դու մտադիր ես բարձրունքից վայելել այրվող Հռոմի տեսքը և հանդգնորեն տրորել ոտով այս դժբախտ դին, ինչպես Տարկվինիոսի խստասիրտ դուստրը ոտնակոխ արեց իր հորը։<ref>Այդ քայլը, որ ըստ ավանդության կատարել է հռոմեական Սերվիուս Սուլլիուս թագավորի աղջիկը, Սերվանտեսի ժամանակներում սխալմամբ վերագրվել է Տարկվինիոս թագավորի աղջկան։</ref> Դե՛, շուտ ասա, ինչո՞ւ ես եկել և ի՞նչն է քո սրտին ավելի մոտ, որովհետև, իմանալով, որ քանի Խրիզոստոմոն կենդանի էր, նրա բոլոր մտորումները միշտ հնազանդ են եղել քեզ․ ես կաշխատեմ, որ նրա մահից հետո էլ քեզ հնազանդեն բոլոր նրանք, ովքեր իրենց կոչել են նրա բարեկամը։ | ||
+ | |||
+ | ― Քո թված պատճառներից և ոչ մեկը, օ՜ Ամբրոսիո, չի մղել ինձ այստեղ գալու, ― պատասխանեց Մարսելան։ ― Ո՛չ, ես եկել եմ պաշտպանվելու և ապացուցելու, թե որքան անարդարացի են նրանք, ովքեր Խրիզոստոմոյի տառապանքի և վախճանի համար ինձ են մեղադրում։ Ուստի խնդրում եմ բոլոր ներկա եղողներից ուշադրությամբ լսելու ինձ, որովհետև խելացի մարդկանց ճշմարտությունը համոզելու համար կարիք չկա շատ ժամանակ և խոսք շռայլելու։ | ||
+ | |||
+ | ― Երկինքն ինձ ստեղծել է, ինչպես դուք ասում եք, չքնաղ և իմ գեղեցկությունն այնպես է, որ դուք ի վիճակի չեք նրան դիմադրելու, բայց միևնույն ժամանակ դուք ցանկանում ու պահանջում եք, որ, ի վարձատրություն ձեր սիրո, ե՛ս էլ պարտավոր լինեմ ձեզ սիրելու։ Բնական իմաստով, որ պարգևել է ինձ տերը, ես գիտեմ, որ ամեն գեղեցկություն ներշնչում է սեր, բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչ պատճառով գեղեցկությունը, որին սիրում են, պարտավոր է սիրելու նրան, ով իրեն սիրում է, միմիայն նրա համար, որ ինքը սիրված է։ Չէ՞ որ կարող է պատահել, որ գեղեցկություն սիրողը ինքը տգեղ լինի և քանի որ ամեն տգեղ բան զզվելի է, ապա անմիտ բան կլիներ ասել․ «Ես քեզ սիրում եմ, որովհետև դու չքնաղ ես։ Դե՛, սիրիր ինձ, թեև ես տգեղ եմ»։ Սակայն ենթադրենք, թե սիրողը նույնքան գեղեցիկ է՝ դրանից չի բխում, որ երկուսի ցանկությունն էլ պիտի իրար նման լինեն։ Որովհետև ամեն տեսակ գեղեցկություն սեր չի ներշնչում, երբեմն նա ուրախացնում է հայացքը, բայց չի նվաճում սիրտը։ Եթե ամեն գեղեցկություն սեր ներշնչելու լիներ և նվաճելու լիներ սրտերը, ապա մեր ցանկությունները անկարգ ու աղոտ մոլորվելիս կլինեին, առանց գիտենալու, թե ինչի՛ վրա կանգ առնեն, ― որովհետև ինչպես անթիվ֊անհամար գեղեցիկ էակներ կան, այնպես էլ մեր ցանկությունները անթիվ կլինեին։ Իսկ ես լսել եմ, որ ճշմարիտ սերն անբաժան է, որ նա պետք է ազատ լինի և ոչ թե հարկադրված։ Բայց քանի որ այդպես է , ― ես հաստատ համոզված եմ, ― ապա ինչպե՞ս եք դուք պահանջում, որ ես զոռով իմ սիրտը տամ միմիայն այն պատճառով, որ դուք հայտարարում եք, թե սիրում եք ինձ։ Իրավ, ասացեք ինձ, եթե երկինքը, որ ինձ գեղեցիկ է ստեղծել, ստեղծած լիներ տգեղ, արդարացի կլինեի ես՝ գանգատվելով, որ դուք ինձ չեք սիրում։ Միտք արեք նաև այն մասին, որ իմ գեղեցկությունը ես չե՛մ ընտրել։ Ինչ տեսակ էլ նա լինի, երկինքն է այն պարգևել ինձ, մի բան, որ ես ոչ խնդրել եմ, ոչ ընտրել։ Եվ ինչպես օձին չի կարելի մեղադրել, որ նա թունավոր է, որովհետև թույնը, որով նա սպանում է, ինքը բնությունն է նրան տվել, այնպես էլ ես արժանի չեմ մեղադրանքի՝ գեղեցիկ լինելու համար։ Չէ՞ որ ազնիվ կնոջ գեղեցկությունը հեռավոր բոցի կամ սուր թրի նման՝ նա չի այրում և չի վիրավորում, քանի նրան չեն մոտենում։ Պատիվն ու առաքինությունները հոգու զարդերն են, առանց որոնց մարմինն էլ, անգամ գեղեցիկը, չպետք է գեղեցիկ համարվի։ Իսկ եթե մաքրությունը հոգին ու մարմինը ազնվացնող և պճնող առաքինություններից մեկն է, ինչո՞ւ ապա կինը, որին սիրում են նրա գեղեցկության համար, պարտավոր է կորցնել իր մաքրությունը, որպեսզի նրա ցանկությունները կատարած լինի, ով որ միմիայն իր սեփական հաճույքի համար բոլոր ուժով ու միջոցներով ձգտում է, որ նա կորցնի։ | ||
+ | |||
+ | Ես ազատ եմ ծնվել և ազատ ապրելու համար ընտրել եմ այս դաշտերի միայնությունը, այս լեռների ծառերը իմ խոսակիցներն են, այս վտակների վճիտ ջուրը՝ իմ հայելիները։ Ծառ ու ջրին ես մասնակից եմ անում իմ մտքերին և իմ գեղեցկությանը։ Ես հեռավոր հուր եմ, ես հեռակա թուր եմ։ Ոմանց ես վառում եմ իմ տեսքով, ոմանց սառցնում եմ իմ խոսքերով։ Ցանկությունները սնվում են հույսերով և որովհետև ես ո՛չ Խրիզոստոմոյին, և ո՛չ որևէ ուրիշին և ո՛չ մի հույս չեմ ներշնչել, ապա արդարացի կլիներ ասել, որ նրան իր սեփական համառությունն է սպանել և ոչ թե իմ խստասրտությունը։ Իսկ եթե դուք ինձ մեղադրում եք նրանում, թե Խրիզոստոմոն ամենաազնիվ դիտավորություններ է ունեցել և թե ես պարտավոր եմ եղել պատասխանելու նրան փոխադարձությամբ, ապա ես դրա դեմ կասեմ՝ երբ որ այն իսկ տեղում, որտեղ դուք հիմա գերեզման եք փորում, նա բաց արեց ինձ իր ազնիվ դիտավորությունները, ես նրան պատասխանեցի, որ մտադիր եմ մշտական մենության մեջ ապրելու և որ միայն հողը կվայելի իմ ողջխոհության պտուղը և իմ գեղեցկության ավարները։ Իսկ եթե նա, չնայած իմ բոլոր համոզումներին, կամեցավ համառել հակառակ հույսի և լողալ ընդդեմ քամու կարելի՞ է ապա զարմանալ, որ նա խեղդվեց իր իսկ ցնորամտության ծովում։ Եթե ես նրան հույս տալու լինեի, ես ստախոս կլինեի։ Եթե ես բավարարեի, ես իմ լավագույն մտադրությունների և վճիռների դեմ գնացած կլինեի։ Սակայն չնայած իմ բոլոր համոզումներին՝ նա համառում էր և, առանց իմ կողմից ատված լինելու, հուսահատության մեջ ընկավ։ Դե, մտածեցեք հիմա, խելացի՞ կլինի արդյոք նրա ցավի համար ինձ մեղադրելը։ Թող գանգատվի խաբվածը, թող հուսահատվի նա, ում դավաճանել են ներշնչված հույսերը, թող հուսա նա, ում որ ես կանչում եմ, թող հպարտանա նա, ում որ ես թույլ եմ տալիս մերձենալ ինձ, բայց թող ինձ խստասիրտ մարդասպան չկոչեն նրանք, ում որ ես ոչինչ չեմ խոստացել, ում որ չեմ խաբել, չեմ կանչել, չեմ մերձեցրել ինձ։ | ||
+ | |||
+ | Մինչև օրս երկնքին հաճելի չի եղել, որ բախտն ստիպեր ինձ սիրելու։ Եվ չմտածեք անգամ, որ ես երբևիցե իմ սեփական ընտրությամբ կսիրեմ։ Թող այս նախազգուշացումը դաս դառնա բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են յուրաքանչյուրն իր համար ստանալ իմ շնորհները և այսուհետև թող բոլորին հայտնի լինի, որ եթե մեկն ու մեկը մեռնելու լինի իմ պատճառով, ապա նա ո՛չ վշտից, ո՛չ էլ խանդից կմեռնի։ Որովհետև նա, ով ոչ ոքի չի սիրում, ոչ ոքի մեջ խանդ արթնացնել չի կարող, իսկ խլել հույսը՝ չի նշանակում արհամարհել։ Ով որ ինձ գազան ու վասիլիսկ է անվանում, թող լքի ինձ, որպես վնասակար և չար արարածի, ով որ անզգա է համարում, թող ինձ չծառայի, ով որ անշնորհակալ՝ թող հետս ծանոթություն չպահպանի, ով որ խստասիրտ՝ թող չհետևի ինձ։ Որովհետև գազանը, վասիլիսկը, անզգան, անշնորհակալը և խստասիրտը երբեք չի որոնի նրանց, ծառայի նրանց, ծանոթություն անի նրանց հետ, հալածի նրանց։ Խրիզոստոմոյին սպանեցին անհամբերությունն ու բոցավառ կիրքը․ ի՞նչ կարիք կա ուրեմն մեղադրելու իմ զսպվածությունն ու համեստությունը։ Եթե ես ծառերի հասարակության մեջ պահպանում եմ իմ մաքրությունը, ապա ինչո՞ւ եք դուք կամենում, որ ես կորցնեմ այն մարդկանց հասարակության մեջ։ Դուք գիտեք, որ ես սեփական հարստություն ունեմ և ուրիշինն ինձ պետք չէ։ Ես ազատ եմ և իմ մեջ ստրկանալու ցանկություն չկա։ Ես ոչ ոքի չեմ սիրում և չեմ ատում, չեմ հրապուրում մեկին, ծաղր ու ծանակ չեմ անում մյուսին, սիրալիրություն չեմ ցույց տալիս երրորդին։ Ես գոհանում եմ համեստ զրույցով այս գյուղերի հովվուհիների հետ և այծիկների հոգսերով։ Իմ ցանկություններն այս լեռների սահմաններից այն կողմ չեն անցնում, իսկ եթե անցնում էլ են, ապա միայն հայելու գեղանի երկինքը, այն ուղին, որով հոգին ձգտում է իր սկզբնական ապաստարանը։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերից հետո, առանց պատասխանի սպասելու, Մարսելան շուռ եկավ և չքացավ անտառի թավուտում, որ ծածկել էր մերձագույն սարը, իսկ բոլոր ներկա եղողները ապշած էին մնացել ինչպես նրա խելքից, այնպես էլ գեղեցկությունից։ Մի քանիսը (որոնց նրա չքնաղ աչքերի ճառագայթների հզոր նետը խոցեց) արդեն պատրաստ էին հետևելու նրան, չանսալով պարզ նախազգուշացումին, որ նոր էին լսել։ Նկատելով այդ, դոն Կիխոտը վճռեց, որ իրեն լավ առիթ է ներկայանում կատարելու իր ասպետական պարտականությունը, որ հրամայում է օգնության հասնել հալածական աղջիկներին, ուստի ձեռքը դնելով իր թրի երախին, նա բարձր ու պարզ ձայնով հայտարարեց․ | ||
+ | |||
+ | ― Ոչ ոք չհանդգնի ինչ դասի ու դիրքի տեր էլ լինի նա, հետապնդելու չքնաղ Մարսելային, եթե չի ուզում իմ կատաղի ցասմանը ենթարկվել։ Նա պարզ ու համոզիչ խոսքերով ապացուցեց, որ գրեթե, կամ, ավելի ճիշտ՝ բնավ մեղավոր չէ Խրիզոստոմոյի մահվան մեջ և ամենևին տրամադիր չէ իր երկրպագուներից որևէ մեկի աղերսանքին անսալու։ Այս պատճառով բոլոր բարի մարդիկ չպիտի ձգտեն նրա հետևից ընկնելու և հետապնդելու նրան, այլ պատվեն ու հարգեն, քանի որ պարզ է, որ աշխարհիս երեսին այսքան մաքուր մտադրություններով ուրիշ էակ չկա։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի սպառնալիքի ազդեցության ներքո, թե այն պատճառով, որ Ամբրոսիոն խնդրեց հովիվներից մինչև վերջ կատարելու իրենց պարտականությունը բարի բարեկամի հանդեպ, միայն թե նրանցից և ոչ մեկը տեղից չշարժվեց և չհեռացավ, մինչև որ գերեզմանը փորեցին, այրեցին Խրիզոստոմոյի թղթերը և դառն արցունքներով նրա դիակը դրին հողի մեջ։ Գերեզմանի վրա ժամանակավորապես մեծ քար դրին, մինչև որ պատրաստ կլինի գերեզմանաքարը (որ Ամբրոսիոն, ինչպես ինքը հաղորդեց, մտադիր էր պատվիրելու) հետևյալ տապանագրով՝ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Սիրահարն է այստեղ հանգչում, | ||
+ | Հովիվ տղան վաղամեռ, | ||
+ | Նա դեգերեց սերը սրտում, | ||
+ | Շիրիմ իջավ սիրամերժ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Անգութ սե՜րը խոցեց նրան, | ||
+ | Որով Ամուրը անհագ, | ||
+ | Ավա՜ղ, տեր է միահեծան | ||
+ | Տիեզերքում բովանդակ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Ապա գերեզմանի վրա բազմաթիվ ծաղիկներ ու ճյուղեր թափելով և հանգուցյալի բարեկամ Ամբրոսիոյին ցավակցություն հայտնելով հովիվները ցրվեցին։ Վիվալդոն իր ուղեկիցների հետ ճամփա ընկնելու վրա էր, և դոն Կիխոտը հրաժեշտ տվեց իրեն ապաստանող հովիվներին և ճամփորդներին։ Վերջիններն առաջարկեցին նրան իրենց հետ Սևիլիա գնալ, ասելով, որ արկածախնդրի համար դա չափազանց հարմարավոր տեղ է, թե արկածներ ամեն անկյունում, ամեն նրբափողոցում պատահում են ավելի հաճախ, քան ուրևիցե։ Դոն Կիխոտը շնորհակալություն հայտնեց նրանց խորհուրդի և իրեն ծառայություն անելու պատրաստակամության համար, բայց հայտարարեց, որ չի կարող և չպետք է Սևիլիա գա, մինչև որ չազատի այս լեռները գող֊ավազակներից, որոնք, ըստ լուրերի, վխտում են այստեղ։ Համոզվելով, որ նրա բարի մտադրությունն անհողդողդ է, ճամբորդները հնարավոր չհամարեցին պնդելու և մեկ էլ հրաժեշտ տալով նրան, գնացին իրենց ճամփով, որի ընթացքում նրանք կարող էին կուշտ զրուցել Մարսելայի և Խրիզոստոմոյի պատմության շուրջը, ինչպես և դոն Կիխոտի խելագարությունից։ Իսկ մեր ասպետը որոշեց գնա Մարսելային որոնելու, որպեսզի առաջարկի նրան իր ծառայությունը։ Սակայն նրա մտադրություններին վիճակված չէր իրականանալու, ինչպես զրուցում է շարունակությունը այս ճշմարտապատում պատմության, որի երկրորդ մասը ավարտվում է այստեղ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XV== | ||
+ | |||
+ | Ուր պատմվում է չարաբախտ արկածի մասին, որ պատահեց դոն Կիխոտին, շնորհիվ նրա հանդիպումին խստասիրտ յանգուասցիների հետ | ||
+ | |||
+ | |||
+ | Իմաստուն Սիդ Համեդ Բենենեխելին պատմում է, որ հրաժեշտ տալով իրեն հյուրընկալողներին և հովիվ Խրիզոստոմոյի թաղմանը բոլոր ներկա եղածներին, դոն Կիխոտը և նրա զինակիրը դիմեցին դեպի այն անտառը, որտեղ նրանց աչքերի առջև ուղղեց իր քայլերը հովվուհի Մարսելան։ Ավելի քան երկու ժամ այնտեղ բոլոր ուղղություններով որոնումների մեջ անցկացնելուց և ոչ մի տեղ նրան չգտնելուց հետո, նրանք հասան մի շատ կանաչ դաշտ, որտեղ մի խաղաղ ու պաղ վտակ էր հոսում, որ շատ գրավեց նրանց և ձգեց միջօրեի հանգստյան, որի ժամանակն արդեն հասել էր։ Դոն Կիխոտն ու Սանչոն վայր եկան, Ռոսինանտին ու էշին հնարավորություն տալով արածելու, հանեցին իրենց ճամփորդական պայուսակը և առանց աստիճան հարցնելու բարի խաղաղության և համաձայնության մեջ, տերն ու ծառան սկսեցին խժռել այն, ինչ որ մեջը գտնվեց։ | ||
+ | |||
+ | Սանչոն հոգ չէր տարել ոտն անել Ռոսինանտին, համարելով նրան այնքան հանդարտ ու բարեհամբյուր, որ Կորդովայի անասնասրահի մադիաները<ref>Կորդովայում եղել է հայտնի ձիաբուծարան, որը սկզբում պատկանելիս է եղել հերցոգ Ալբային, իսկ հետո դարձել է պետական։</ref> չէին կարող կարծես, խռովել նրա հանգիստը։ Սակայն բախտը, երևի սատանան էլ (որ միշտ էլ քնած չի լինում), այնպես արին, որ այդ փոքրիկ հովտում արածում էր Գալլիսիայի մադիաններից մի հոտ՝ մի քանի յանգուասցի<ref>Սեդովիա պրովինցիայի Յագուաս գյուղի բնակիչները։</ref> ձիապանների հսկողությամբ, որոնք սովորություն ունեն իրենց ձիերի հետ խոտ ու ջրով առատ վայրերում կանգ առնելու, ուստի և այն տեղը, որտեղ իջել էր դոն Կիխոտը, նրանց էլ էր հարմար թվացել։ Պատահեց, որ Ռոսինանտի խելքին փչեց տիկին մադիանների հետևից ընկնելու։ Հազիվ էր նա նրանց հոտն առել, որ մոռանալով իր բնավորությունն ու սովորույթը, առանց իր տիրոջից թույլտվություն խնդրելու, նա թաշախուստին յորղայով դիմեց դեպի նրանք՝ իր պահանջը հայտնելու համար։ Սակայն մադիանները, որ ըստ երևույթին ավելի արոտի կարիք ունեին, քան այլ բանի, նրան դիմավորեցին քացիներով և խածելով։ Վայրկյանապես նրանք ճղեցին նրա փորկապը և Ռոսինանտը մնաց առանց թամբի, բոլորովին մերկ։ Սակայն ավելի դառնություն հասավ նրան ձիապաններից, որոնք, տեսնելով նրա ոտնձգությունը մադիանների նկատմամբ, հարձակվեցին նրա վրա մահակներով և հախիցը այնպես եկան, որ նա կիսամեռ փռվեց գետնին։ Այնինչ՝ դոն Կիխոտն ու Սանչոն, տեսնելով Ռոսինանտի կրած ջարդը, շնչակտուր մոտ վազեցին։ | ||
+ | |||
+ | ― Իսկույն երևում է, Սանչո, բարեկամ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ սրանք ասպետներ չեն, այլ ստոր մարդուկներ, թշվառ խալխ։ Ես նրա համար եմ ասում այդ, որ դու միանգամայն կարող ես ինձ օգնել ըստ արժանավույն վրեժը հանեմ այն վիրավորանքի համար, որ նրանք մեր աչքի առջև հասցրին Ռոսինանտին։ | ||
+ | |||
+ | ― Վա՜յ այն վրեժին, ― պատասխանեց Սանչոն, ― քանի որ նրանք քսանից ավել են, իսկ մենք՝ թվով երկուս, եթե չասենք՝ մեկ ու կես։ | ||
+ | |||
+ | ― Ես մենակ հարյուրին արժեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | Եվ, ավելորդ խոսքեր չկորցնելով, նա իր թուրը քաշեց և հարձակվեց յանգուասցիների վրա։ Իր տիրոջ օրինակից վարակվելով ու վառվելով, նույնն արեց նաև Սանչո Պանսան։ Դոն Կիխոտն իսկույն հարձակվեց մի ձիապանի վրա և կտրեց նրա հագի չուխան և ուսի մի խոշոր մասը։ | ||
+ | |||
+ | Յանգուասցիները, տեսնելով, որ իրենց երկու մարդ ջարդում են, մինչդեռ իրենք այնքան շատվոր են, մահակներն առան և, շրջապատելով իրենց երկու հակառակորդներին, սկսեցին զարմանալի ճարպկությամբ ու եռանդով հարված հարվածի հետևից հասցնել։ Պետք է ձեզ ասեմ, որ երկրորդ իսկ հարվածից Սանչոն փռվեց գետնին, ինչպես և դոն Կիխոտը, որին քիչ օգնեցին նրա վարպետությունն ու արիությունը։ Եվ բախտը կամեցավ, որ նա վայր ընկնի Ռոսինանտի ոտների մոտ, որը տակավին չէր բարձրացել։ Դա լավ դաս էր, թե ինչ կատաղությամբ են մահակները բանում գազազած գյուղացիների ձեռքում։ Ապա թե, յանգուասցիները, տեսնելով իրենց արարքը, ճեպով֊հապճեպով բեռնեցին իրենց մադիանները և ճամփա ընկան՝ թողնելով երկու արկածախնդիրներին շատ թշվառ վիճակում և ավելի վատթար հոգեկան կացության մեջ։ | ||
+ | |||
+ | Առաջինն ուշքի եկավ Սանչո Պանսան։ Տեսնելով իրեն պառկած իր տիրոջ հետ՝ նա թույլ ու աղերսալի ձայնով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր դոն Կիխոտ, ա՛յ սինյոր դոն Կիխոտ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես ուզում, եղբայր Սանչո, ― ասաց դոն Կիխոտը նույնպես թույլ ու թախծալի ձայնով։ | ||
+ | |||
+ | ― Ես կկամենայի, եթե դա հնարավոր է, ― պատասխանեց Սանչո Պանսան, ― որ ձերդ ողորմածոիթյունն ինձ երկու կում Ֆերտ Բլասի բալասանից տար, եթե ձեր ձեռքի տակ է։ Թերևս նա նույնպես օգնում է կոտրած ոսկորներին, ինչպես և վերքերին։ | ||
+ | |||
+ | ― Ավա՜ղ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― եթե մենք ունենայինք նրանից՝ էլ ի՜նչ ցավ։ Սակայն երդվում եմ թափառական ասպետի պատվով, Սանչո Պանսա, որ եկու օր չանցած, եթե միայն բախտը խոչընդոտ չհանդիսանա, ես կճարեմ կամ թող իմ ձեռները գոսանան։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ կարծիքի է ձերդ ողորմածությունը, մեր ոտները ե՞րբ կսաղանան։ | ||
+ | |||
+ | ― Ինչ որ ինձ է վերաբերում, ― պատասխանեց ջարդված ասպետը, ― չեմ կարող ժամկետ որոշել։ Սակայն եղելության մեղքն ամբողջովին իմն է, չպետք է ես թուր քաշեի այնպիսի մարդկանց վրա, որոնք ինձ նման կարգված ասպետներ չեն։ Ուստի, կարծում եմ ես, ասպետական օրենքների այդ խախտման համար, որպես պատիժ, մարտի աստվածը<ref>Մարսը։</ref> թույլ տվեց, որ հատուցումը գա իմ գլխին։ Այո՛, Սանչո Պանսա, լավ միտդ պահիր, ինչ կասեմ քեզ, որովհետև այդ մեր եկուսիս օգուտը կլինի, հենց որ տեսնես, նման սրիկաները մեզ նեղացնում են, էլ մի սպասիր, որ ես նրանց վրա թուր քաշեմ, այլ իսկույն քոնը քաշիր և պատժիր նրանց, ինչպես քեֆդ տա։ Որովհետև եթե նրանց ազատելու համար օգնության գալու լինին ասպետներ, ապա այն ժամանակ ես կկարողանամ պաշտպանել քեզ և նրանց հախիցը գալ, ինչպես հարկն է։ Չէ՞ որ հազարավոր օրինակներից դու արդեն կարողացել ես համոզվել, թե իմ արի բազկի զորությունը որքան մե՜ծ է։ | ||
+ | |||
+ | Ահա՛ թե որքա՜ն էր հպարտացել մեր թշվառ սինյորը քաջ բիսկայցու վրա տարած հաղթանակից հետո։ Սակայն Սանչո Պանսան այլ կարծիքի էր, քան իր տերը, ուստի, լռելու փախարեն, նա պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր, ես հանգիստ մարդ եմ, հեզ, խաղաղասեր և պատրաստ եմ տանելու ամեն վիրավորանք, որովհետև ես կին ու երեխաներ ունեմ, որոնց պետք է կերակրել և ոտքի կանգնեցնել։ Ուստի, ձեր ողորմածության թույլտվությամբ, ― քանի որ ինձ իշխանություն չի տրված ― ես ոչ մի դեպքում ո՛չ ռամիկի, ո՛չ ասպետի վրա թուր չեմ քաշի և, այս վայրկյանից սկսած, կանխորեն, Աստծո՛ առջև ներում եմ բոլոր վիրավորանքները, որ ինձ հասցրել են կամ ապագայում կհասցնեն, ով էլ լինի ինձ վիրավորողը, ազնվական թե հասարակ մարդ, հարուստ թե աղքատ, հիդալգո թե հարկատու, մի խոսքով՝ ինչ դասի ու դիրքի էլ պատկանելու լինի։ | ||
+ | |||
+ | Լսելով այս՝ նրա տերն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես կկամենայի, որ ուժս պատեր երկար խոսելու և որ կողքիս ցավը կտրեր և չխանգարեր ինձ բացատրելու քեզ, Պանսա, թե ի՜նչ մոլորության մեջ ես ընկել դու։ Լսիր, մեղավոր արարած, եթե բախտի քամին, որ մինչև հիմա այսքան հակառակ էր մեզ, հանկարծակի փոխվեր և բարեհաջող դառնար, ուռցնելով մեր ցանկությունների առագաստը, առանց խոչընդոտի և արհավիրքի քշեր֊հասցներ նավահանգիստ այն կղզիներից մեկի, որ ես խոստացել եմ քեզ, ― ո՞նց կլիներ քո բանը, եթե նվաճելով այն, քեզ տայի։ Ասել է թե՝ դու ողջ գործը կկործանեիր, քանի որ ասպետ չլինելով, չե՛ս էլ ուզում դառնալ, չես ուզում արիություն հայտնաբերել՝ աշխատելով վրիժառու լինել վիրավորանքի համար և պաշտպանել քո կալվածները։ Դու չէ՞ որ պետք է իմացած լինես, որ նորանվաճ թագավորություններում ու շրջաններում բնակիչների մտքերը երբեք այնքան խաղաղ և նոր իշխանավորին հավատարիմ չեն լինում, որպեսզի կարելի լիներ երկյուղ չկրել խլրտումներից, որոնց նպատակն է նորից փոխել իշխանությունը և, ինչպես ասվում է, փորձել բախտը։ Այդ պատճառով նոր հաղթողին անհրաժեշտ է ինքնազսպություն և արիություն հարձակվելու կամ պաշտպանվելու համար նայած հանգամանքներին։ | ||
+ | |||
+ | ― Ներկա հանգամանքներում, ― պատասխանեց Սանչոն, ― ես շատ կուզենայի տիրապետել այն ունակությանն ու արիությանը, որոնց մասին խոսում է ձերդ ողորմածությունը։ Սակայն երդվում եմ աղքատի պատվով, որ ես հիմա ավելի տաք սպեղանու կարիք ունեմ, քան խրատի։ Փորձեցեք, սինյոր, կաջողվի՞ ձեզ ոտի կանգնել և եկեք օգնենք Ռոսինանտին վեր կենալու, թեև նա արժանի չէ դրան, որովհետև հենց նա է մեր ջարդվելու պատճառը։ Երբեք չէի սպասի Ռոսինանտից, որին նույնքան ողջախոհ ու խաղաղասեր էի համարում, որքան ինձ։ Ճիշտն ասած՝ այնքան էլ հեշտ չէ ճանաչել մերձավորին, և աշխարհիս երեսին հավատարմություն չկա։ Ո՞վ կսպասեր, թե թրի այն փայլուն հարվածից հետո, որ դուք պարգևեցիք այն դժբախտ թափառական ասպետին, այնքան արագ կհետևի մահակների հարվածների կարկուտը, որ թափվեց մեր ուսերին։ | ||
+ | |||
+ | ― Քոնը հո, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― սովոր են այդպիսի ձախորդությունների, իսկ իմը, որ սովոր եմ սինաբաֆեի<ref>Քաթանի նուրբ տեսակ։</ref> և հոլանդական նուրբ կտավի, իհարկե, նման ձախորդությունից շատ ավելի տուժեցին։ Եվ եթե ես չխորհեի ― ի՜նչ եմ ասում, ― եթե հաստատ իմացած չլինեի, որ բոլոր այդ ձախորդությունները կապված են ռազմական գործի հետ, ես վշտից տեղն ու տեղը կմեռնեի։ | ||
+ | |||
+ | Զինակիրը դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Քանի որ, սինյոր, նման հունձերը ասպետական գործում անխուսափելի են, ապա ասացեք, խնդրեմ, նրանք մշտապես քիչ֊քիչ են թափվո՞ւմ, թե նրանց համար էլ գոյություն ունեն որոշ ժամկետներ։ Որովհետև, կարծեմ, երկու սրա նման հունձից հետո մենք երրորդի համար անպետք կդառնանք, եթե միայն տերն Աստված, իր անսահման ողորմածությամբ, մեզ օգնության հասնելու չլինի։ | ||
+ | |||
+ | ― Իմացած եղիր, Սանչո, բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ թափառական ասպետների կյանքը ենթակա է հազար ու մի վտանգների ու պատահարների, սակայն նրանցից յուրաքանչյուրը կարող է հուսալ ամեն վայրկյան թագավոր կամ կայսր դառնալ, ինչպես ցույց է տալիս շատ ասպետների բախտը, որոնց պատմությունն ինձ ստույգ կերպով հայտնի է։ Եվ ես քեզ կպատմեի, եթե ցավն ինձ չխանգարեր, թե ինչպես նրանցից մի քանիսը սոսկ իրենց ձեռքի արիությամբ հասան այդ բարձր կոչմանը, թեև դրանից առա՛ջ էլ, հետո՛ էլ մեծամեծ դժբախտություններ ու ձախորդություններ են կրել։ Այսպես, օրինակ, արի Ամադիս Գաղղիացին մի անգամ իր մահացու թշնամի կախարդ Արկալի իշխանության տակ ընկավ, որը, ինչպես ստուգապես հայտնի է, բռնելով նրան և բակում կապելով սյունից, նրան ավելի քան երկու հարյուր հարված հասցրեց իր ձիու սանձով։ Իսկ մի ուրիշ անանուն և մեծապես հավատի արժանի հեղինակ պատմում է, որ Թեբա ասպետը ծուղակն ընկավ, որ մի դղյակում բացված է եղել նրա ոտների տակ և ինքն իրեն գտավ խորունկ ստորերկրում, որտեղ նրան ոտ ու ձեռ կապած, հրամցրին սառցային ավազախառն լուծողական ջուր և դրանից նա քիչ էր մնացել ոտները մեկներ։ Եվ եթե խեղճ ասպետին օգնության հասած չլիներ մեկ իմաստուն՝ նրա մոտիկ բարեկամը, ապա, անշուշտ, նրա վերջն եկած կլիներ։ Այնպես որ ե՛ս էլ այս ազնիվ մարդկանց հետ պատրաստ եմ համբերելու, քանի որ նրանց կրած դժբախտությունները շա՜տ գերազանցում են մերը։ Իմացած եղիր, Սանչո, որ պատահաբար ձեռք ընկած գործիքով հասցրած վերքերը ամոթաբեր չեն համարվում։ Այդ մասին պարզ ցուցմունք կա մենամարտության կանոնադրության մեջ, որտեղ ասված է․ «Եթե մեկ կոշկակար մյուսին հարվածի կաղապարով, որ բռնած է եղել ձեռքին, թեև կաղապարը փայտից է շինած, չի կարելի համարել, որ նա, որին հարվածել են, փայտով է ծեծվել»։ Ասելս այն է, որ դու չերևակայես, թե որ եթե մեզ այս կռվում ծեծել են, ապա մեր պատիվն անարգված է, ― որովհետև, զենքը, որ այդ մարդկանց ձեռքին էր և որոնցով նրանք մեզ ծեծեցին ― հասարակ մահակ է և նրանցից և ոչ մեկը, որքան հիշում եմ, ո՛չ սուր ուներ, ո՛չ թուր, ո՛չ դաշույն։ | ||
+ | |||
+ | ― Ես ժամանակ չունեցա զննելու, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև հազիվ էի ձեռքս առել տիսոնը,<ref>Սիդի երկու թրերից մեկի անունը, որը Սանչոյի կողմից ընդունվում է որպես հասարակ անուն։</ref> որ նրանք իրենց մահակներով ինձ այնպես օրհնեցին, որ աչքերիս լույսը մարեց և ոտներս ծալվեցին։ Նրանք իսկույն ինձ գլորեցին այնտեղ, որտեղ ես հիմա պառկած եմ։ Այնպես որ՝ ես բնավ ցանկություն չունեմ խորհելու, անարգվե՞լ է իմ պատիվը փայտի հարվածներից, թե՞ ոչ, նրանք նույնքան խորը խրվեցին իմ հիշողության, որքան և իմ ոսկորների մեջ։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, եղբայր Սանչո, գիտցած եղիր, ― ասաց դոն Կիխոտը, ― որ չկա վիշտ, որ չմոռացվի և ցավ, որ չբուժի մահը։ | ||
+ | |||
+ | ― Սրանից էլ վատթար ձախորդություն կլինի՞, ― պատասխանեց Սանչոն, ― որ ժամանակը թեթևացնի և մահը բուժի։ Եթե մեր ցավը լավ մահլամով լավացող լիներ ― դա կես֊ցավ կլիներ։ Բայց, կարծեմ, հիվանդանոցի բոլոր մահլամները մեզ հիմա քիչ կօգնեին։ | ||
+ | |||
+ | ― Թող գանգատներդ, Սանչո, և արիացիր։ Ինձնից օրինակ վերցրու, ― ասաց դոն Կիխոտը։ ― Տեսնենք, թե Ռոսինանտի բանն ինչպես է, որովհետև, կարծեմ, խեղճին մեզնից պակաս չի հասել։ | ||
+ | |||
+ | ― Զարմանալի չէ, որ այդպես էլ լինի, ― պատասխանեց Սանչոն, ― քանի որ նա՛ էլ է թափառական ձի դառել։ Ես միայն զարմանում եմ, որ իմ էշն է էժան պրծել, առանց մի մազ կորցնելու, մինչդեռ մենք, քիչ էր մնացել, կաշվից զրկվեինք։ | ||
+ | |||
+ | ― Ձախորդությունների ժամին բախտը միշտ մի անցք է թողնում, որ հնար լինի դուրս պրծնել, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ասելս այն է, որ քո անասունն այս անգամ կարող է փոխարինել Ռոսինանտին և տանել֊հասցնել ինձ որևէ դղյակ, որտեղ կխնամեն իմ վերքերը։ Համ էլ կավելացնեմ, որ այդպիսի մի միջոց ասպետի համար ստորացուցիչ չեմ համարում, որովհետև, մտքիս գալիս է, կարդացել եմ, թե բարի, ծեր Սիլենը, ծիծաղի ուրախ Աստծո խորթ հայրն ու դաստիարակը, ներս մտավ Հարյուրադարպաս քաղաքը մեծ հարմարությամբ մի գեղեցիկ էշ հեծած։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտը միայն այն է, որ ինչպես արտահայտվեց ձեր ողորմածությունը, նա հեծած է եղել, ― ասաց Սանչոն։ ― Մեծ տարբերություն կա ― հեծած գնալ թե փալանի վրա պառկած, ոնց որ աղբով լի ջվալ։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Մարտում ստացած վերքերը ավելի շատ պատիվ են բերում, քան խլում։ Ուստի, Պանսա, բարեկամ, էլ մի՛ վիճիր, այլ ավելի լավ է աշխատիր, ինչպես ես արդեն ասացի, զգուշությամբ բարձրացնել ինձ և ըստ կարելվույն հարմար պառկեցնել քո էշի վրա, ապա թե շարժվենք այստեղից, քանի գիշերը չի իջել և այս խուլ վայրում չի կոխել մեզ։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես ձեր ողորմածությունից լսել եմ, ― ասաց Պանսան, ― որ թափառական ասպետները սովորություն ունեն մեծ մասամբ խուլ վայրերում գիշերելու, բաց երկնքի տակ, և որ նրանք այդ մեծ հաջողություն են համարում։ | ||
+ | |||
+ | ― Պատահում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երբ որ նրանց չի հաջողվում ա՛յլ կերպ սարքել, կամ թե երբ որ նրանք սիրահարված են լինում։ Ճիշտ է, եղել է մի ասպետ, որ ամբողջ երկու տարի կանգնած է մնացել ժայռի վրա, շոգ ու սառնամանիք և ամեն տեսակ արհավիրք տանելով, մինչդեռ նրա սրտի տիրուհին այդ իմանալիս էլ չի եղել։ Նման դեպք Ամադիսին էլ է պատահել, որ Բելտենբրոս<ref>Ակնարկում է Բաքոս (Դիոնիսիոս) աստծո դաստիարակ Միլենի՝ «յոթնադարպաս» (Եգիպտոսում)։ Beltenbros բառացի նշանակում է «Մռայլ գեղեցիկ տղամարդ»։</ref> անունն ընդունելով հեռացավ Պենյա Պոբրեի<ref>Pena Pobre ― բառացի՝ «Աղքատ ժայռ» (փաստորեն դա մի փոքրիկ ժայռոտ կղզի է)։ Ինչպես այստեղ պարզվում է, այդ անունը ցույց է տալիս, որ հիշած կղզում կարելի է ապրել միայն ծայրահեղ «աղքատության» մեջ գտնվելու դեպքում, (այսինքն՝ տանջանքի, կործանման մեջ)։ </ref> վրա ութը տարի թե ութ ամսով, հիմա ճշգրիտ չեմ հիշում։ Բավական է ասեմ քեզ, որ նա այնտեղ բավական երկար ժամանակ անց կացրեց տիրուհի Օրիանայի աչքից ինչ֊որ բանի համար ընկնելուց հետո։ Բայց բավական է դրանից խոսենք, Սանչո։ Շտապիր, քանի էշին էլ որևէ դժբախտություն չի պատահել Ռոսինանտի պատահածի պես։ | ||
+ | |||
+ | ― Գուցե այս անգամ սատանան չխառնի, ― ասաց Սանչոն։ | ||
+ | |||
+ | Եվ երեսուն անգամ ախ ու վախ քաշելուց, վաթսուն հոգվոցից և հարյուրքսան անեծքից հետո նրա հասցեին, ով որ նրան այդ գործի մեջ գցեց, նա վեր կացավ, բայց ճամփի կիսին կորացավ, ասես տաճկական աղեղ լիներ, ուժ չունենալով շտկվելու։ Մեծամեծ ճիգերով նա սանձեց ու փալանեց էշին, որը այդ օրը տեղի ունեցած անկարգության հետևանքով, ասես շփոթված, թափառում էր մի քիչ հեռու։ Ապա Սանչոն բարձրացրեց Ռոսինանտին, որը, եթե գանգատվելու համար լեզու ունենար, այդ գործում Սանչոյից և նրա տիրոջից հետ չէր մնա։ Ի վերջո Սանչոն դոն Կիխոտին պառկեցրեց էշի վրա, ետևից կապեց Ռոսինանտին և բռնելով էշի սանձը, մի կերպ քարշ եկավ այն կողմը, որտեղ, թվում էր նրան, թե պիտի անցներ մեծ ճամփան։ Հազիվ մեկ մղոն անցած լիներ նա, ինչ բախտը, որ նրան մեկ բարիքից դեպի մյուսն էր տանում, հանեց նրան այն ճամփան, որի վրա շուտով նրանք մի իջևան տեսան, որ դոն Կիխոտին (և բնավ ոչ Սանչոյին) դղյակ թվաց։ Սանչոն հավատացնում էր, թե դա իջևան է, իսկ նրա տերը՝ թե դա դղյակ է։ Եվ այնքան երկար տևեց նրանց վեճը, որ նրանք առանց ավարտելու տեղ հասան, և Սանչոն առանց հարցնելու, թե ուր է ընկել, անցավ բակը իր ամբողջ գումակով։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XVI== | ||
+ | |||
+ | Թե ինչ պատահեց հնարամիտ իդալգոյին իջևանում, որ նա դղյակի տեղ ընդունեց | ||
+ | |||
+ | |||
+ | Իջևանի տերը, տեսնելով էշի վրա խուրջինի պես ընկած դոն Կիխոտին, հարցրեց Սանչոյից, թե ինչ դժբախտություն է պատահել այդ մարդուն։ Սանչոն պատասխանեց, որ առանձին դժվախտություն չի պատահել նրան, այլ պարզապես վայր է ընկել ժայռից և կողքը մի քիչ ցավացրել։ Տերը կին ուներ, որ նման չէր իր արհեստը բանեցնող կանանց, որովհետև բնականից շատ սրտացավ էր և մերձավորի ցավին ցավակցող։ Ուստի նա շտապեց օգնության հասնելու դոն Կիխոտին և հրամայեց իր աղջկան՝ ջահել ու սիրունիկ մի աղջկա, որ խնամի կենվորին։ Նույն իջևանում մի աստուրիացի աղջիկ էլ էր ծառայում՝ լայնադեմ, քիթը վեր ծռած, տափակ ծոծրակով, մեկ աչքով կույր, ասենք՝ մյուսն էլ մի բան չէր։ Ճիշտ է, լավ կազմվածքը վարձատրում էր այս թերությունները, գլխից մինչև կրունկները, նրա հասակը յոթ չարեքից պակաս էր, իսկ ուսերը ծառանում էին սապատի պես՝ հարկադրելով նրան նայել գետնին ավելի, քան նա կկամենար։ Այս գեղատեսիլ աղջիկը տանտիրոջ աղջկան սկսեց օգնել և նրանք երկուսով դոն Կիխոտի համար հիանալի անկողին փռեցին վերնահարկում, որ, բոլոր նշաններիվ երևում էր, երկար ժամանակ դարմանի պահեստ էր եղել։ Նույն տեղը գիշերում էր մի ջորեպան ևս, որի անկողինը դոն Կիխոտի տեղից մի քիչ հեռու էր։ Եվ թեև նրա տեղը ջորիների փալաններից և քեչաներից էր շինած, դարձյալ դոն Կիխոտի անկողնուց շատ լավն էր։ Դոն Կիխոտի մահճակալը չորս հատ վատ ռանդած տախտակ էր, որոնք դրված էին երկու ոչ հավասար ոտների վրա և մի դոշակ՝ գործած վերմակի հաստությամբ, որ լիքն էր գունդերով, որոնց, ըստ նրանց պնդության, կարելի էր քարերի տեղ դնել, եթե ծակոտիներից բուրդը դուրս գալու չլիներ։ Ի լրացումն՝ երկու սավան, երևի թե գոմշի կաշուց և մի վերմակ, որի բոլոր թելերը կարելի էր համարել, առանց սխալից վախենալու։ | ||
+ | |||
+ | Սատանի այդ անկողնում պառկեց դոն Կիխոտը, և իսկույն տանտիրուհին ու նրա աղջիկն սկսեցին նրան վերից վար սպեղանի կպցնել, մինչղեռ Մարիտորնեսը (այդպես էր աստուրիացի աղջկա անունը) բռնել էր ճրագը։ Այդ գործողության միջոցին, դոն Կիխոտի մարմնի վրա բազմաթիվ կապտած տեղեր տեսնելով, տանտիրուհին հայտարարեց, որ դրանք ավելի հարվածի, քան թե վայր ընկածի հետքի են նման։ | ||
+ | |||
+ | ― Իսկի էլ հարվածի տեղեր չեն, ― պատասխանեց Սանչոն, այլ պարզապես ժայռը սփռված է եղել սուր֊սուր քարերով և դուրս ցցված տեղերով, որոնցից յուրաքանչյուրը մի֊մի կապտած տեղ է թողել։ | ||
+ | |||
+ | Սրան նա ավելացրեց․ | ||
+ | |||
+ | ― Բարի եղեք, տանտիկին ջան, այդ խծուծից մի քիչ պահեք։ Մեկն ու մեկին հարկավոր կգա, որովհետև իմ գոտկատեղն էլ է կոտրատվում։ | ||
+ | |||
+ | ― Դուրս է գալիս, ուրեմն, որ դո՞ւք էլ եք վայր ընկել, ― հարցրեց տանտիրուհին։ | ||
+ | |||
+ | ― Վայր ընկնելը ես վայր չեմ ընկել, ― պատասխանեց Սանչո Պանսան, ― միայն թե հենց տեսնելուց, թե ինչպես է վայր ընկնում իմ տերը, ինձ այնպես թափահարեց, որ ողջ մարմինս ցավեց, կարծես թե հազար փայտի հարված կերա։ | ||
+ | |||
+ | ― Կպատահի, ― ասաց աղջիկը։ ― Ինձ էլ է հաճախ պատահում երազ տեսնել, իբրև թե վայր եմ ընկնում աշտարակից և չեմ կարողանում վայր ընկնել֊պրծնել և երբ որ հետո արթնանում եմ, այնպես եմ ջարդված լինում, և մարմինս այնպես է կոտրատվում, ասես թե իսկ որ վայր եմ ընկել։ | ||
+ | |||
+ | ― Բանն էլ այն է, տիրուհի, ― ասաց Սանչոն, ― որ առանց երազի, այլ ուղղակի արթմնի, ոնց որ հիմա, մարմինս կապտեց ոչ պակաս, քան դոն Կիխոտինը՝ իմ տիրոջինը։ | ||
+ | |||
+ | ― Այս կաբալյերի անունն ի՞նչ է, ― հարցրեց աստուրեցի Մարիտորնեսը։ | ||
+ | |||
+ | ― Դոն Կիխոտ Լամանչեցի, ― պատասխանեց Սանչո Պանսան։ ― Նա թափառական ասպետ է, աշխարհիս երեսին տեսնվածներից ամենափառավոր և հզոր ասպետներից մեկը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ բան է թափառական ասպետը, ― դարձյալ հարցրեց սպասուհին։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ միամտություն, ― բացականչեց Սանչո Պանսան, ― մի՞թե երբեք չեք լսել։ Դե, իմացած եղեք, քույրիկ, թափառական ասպետն այնպիսի բան է, որ աչք ճպելու ժամանակ չես ունենա, ինչ նա կարող է և՛ ծեծ ուտել, և՛ կայսր դառնալ։ Այսօր նա ամենադժբախտ և թշվառ էակն է աշխարհիս երեսին, իսկ վաղը նա իր զինակրի համար երեք֊չորս թագավորություն կունենա՝ դե, ընտրի՛ր։ | ||
+ | |||
+ | ― Այդ ինչպե՞ս է, ― հարցրեց տանտիկինը, ― որ ձեր տերը այդպիսի կարևոր անձնավորություն է, իսկ դուք, ինչպես ես տեսնում եմ, իսկի մի կոմսություն էլ չեք ձեռք գցել։ | ||
+ | |||
+ | ― Այդ այդքան էլ արագ չի կատարվում, ― պատասխանեց Սանչոն։ ― Մենք հազիվ մի ամիս է, ինչ արկածախնդրության ենք ելել և մինչև հիմա մի կարգին արկածի չենք հանդիպել։ Երբեմն լինում է, որ մեկ բանի հետևից ես գնում, իսկ բոլորովին ուրիշն ես գտնում։ Բայց ճիշտ եմ ասում, եթե միայն իմ տիրոջ, դոն Կիխոտի վերքերն առողջանան, որ վայր ընկնելուց եղավ, ես էլ կենդանի մնամ, ես իմ հույսերը չեմ փոխի Իսպանիայի առաջնագույն իշխանությանը։ | ||
+ | |||
+ | Բոլոր այս խոսակցության ուշի֊ուշով ականջ էր դնում դոն Կիխոտը։ Դժվարությամբ բարձրանալով իր անկողնում, նա բռնեց տանտիրուհու ձեռքն ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հավատացեք, չքնաղ տիրուհի, դուք կարող եք երջանկություն համարել, որ ձեր դղյակում ինձ պես մի անձնավորության ապաստան եք տվել, որովհետև եթե ես ինքս ինձ չեմ գովում, ապա միայն այն պատճառով, որ, ինչպես ասում են, գովասանքն ինքն իրեն ստորացնում է։ Սակայն իմ զինակիրը կպատմի ձեզ, թե ես ով եմ։ Ես միայն այն կասեմ, որ առհավետ կտպավորվի իմ հիշողության մեջ ինձ մատուցած ձեր ծառայությունը և որ ողջ կյանքումս ես ձեզնից շնորհակալ կմնամ։ Եվ եթե սերը ինձ արդեն կաշկանդած չլիներ և խստասիրտ գեղեցկուհու, որի անունը ես հիմա շշնջում եմ, աչերի զորությամբ ինձ իր օրենքին ենթարկած չլիներ, ապա այս չքնաղ աղջկա աչքերը իմ ազատության տերերը կդառնային։ | ||
+ | |||
+ | Տանտիկինը, նրա աղջիկն ու բարի Մարիտորնեսը շփոթված լսում էին թափառական ասպետի խոսքերը, որոնք նրանց համար նույնքան անըմբռնելի էին, որքան եթե նա հունարեն խոսելիս լիներ, թեև ըստ ամենայնի երևում էր, որ խոսքը ինչ֊որ շնորհակալության և սիրալիրության մասին է։ Արտահայտվելու նման ձևին անսովոր լինելով, նրանք թողին նրան և աստուրիացի Մարիտորնեսն զբաղվեց Սանչոյով, որ կարոտ էր օգնության ոչ պակաս, քան իր տերը։ | ||
+ | |||
+ | Դեռ սրանից առաջ ջորեպանն ու Մարիտորնեսը համաձայնել էին միասին գիշերելու, և աղջիկը տղին խոսք էր տվել, որ հենց որ իջևանողները պառկեն և տերերը քնեն, կգա նրա մոտ, որ բավարարի նրա ցանկությունը։ Այդ լավ աղջկա մասին ասում էին, թե ամեն անգամ, երբ նա նման խոստում էր անում, կատարում էլ էր, եթե անգամ խուլ տեղում և առանց վկաների էր արված լինում, որովհետև նա շատ էր պարծենում, որ ազնվական է<ref>Աստուրիայի հիմնական բնակչությունը, որ խուսափել էր արաբական նվաճումից, շատ էր գոռոզանում իր ազնվացեղ և զտարյուն լինելուց։</ref> և պախարակելի չէր համարում իրեն համար ծառայությունը իջևանում, ասելով, որ միմիայն չար բախտը և վատ հանգամանքներն են նրան այդ վիճակին հասցնել։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի չոր, նեղ, աղքատիկ և երերուն անկողինը մուտքի մոտ հենց առաջինն էր այս աստղազարդ գոմում, իսկ մյուս կողմում Սանչոն իր անկողինն էր սարքել, որ բաղկացած էր մի խսիրից և մեկ վերմակից, որ, ավելի շուտ կտավից էր, քան բրդից։ Քիչ հեռու ջորեպանի անկողինն էր, որ, ինչպես մենք ասացինք, թամքերից և նրա լավագույն երկու ջորիների այլ պարագաներից էր սարքված։ Ջորեպանը քսան ջորի ուներ՝ հարթ, խոշոր, գեր, որովհետև նա ամենահարուստ արևալցի<ref>Արե՛վալո ― հին Կաստիլիայի մի փոքրիկ քաղաք, ընկած է Վալյադոլիդի և Ավիլայի միջև։</ref> ջորեպաններից մեկն էր, ինչպես հաղորդում է այս պատմության հեղինակը, որ մանրամասն խոսում է այս ջորեպանի մասին, որովհետև նա լավ ճանաչելիս է եղել նրան, իսկ ինչպես ոմանք հավատացնում են, նույնիսկ նրա ազգականն է եղել։ <ref>Ակնարկ այն մասին, որ ջորեպանների մեջ եղել են բազմաթիվ մորիսկներ (մավրիտանացիներ)։</ref>Պետք է ձեզ ասեմ, որ Սիդ Համետ Բենենխելին պրպտող և մանրապատում պատմիչ է եղել, ինչպես այդ երևում է նրանից, որ մեր բերած անցքերից և ոչ մեկը, այնքան մանր ու չնչին, նա լռությամբ չի անցել։ Թող նրանից օրինակ վերցնեն լուրջ պատմաբանները, որ անցքերի մասին մեզ այնքան կարճառոտ են զրուցում և հարևանցի, որ, կարելի է ասել, մենակ մեր շրթունքներին են քսում, թողնելով բանի էությունը ― անփթությունից, նենգությունից կամ տգիտությունից ― թանաքամանի հատակին։ Փառք Տաբլանտե դե Ռիկոմանտեի հեղինակին, ինչպես և այն գրքի հեղինակին, որտեղ կոմս Տոմիլյասի սխրագործություններն են նկարագրվում․ ի՜նչ մանրամասն են զրուցում նրանք։ | ||
+ | |||
+ | Արդ, վերադառնալով մեր պատմությանը, կասեմ ձեզ, որ ջորեպանը, իր ջորիներին տեսնելուց և երկրորդ անգամ նրանց կեր տալուց հետո, մեկնվեց փալանների վրա և սկսեց սպասել իր ճշտապահ Մարիտորներսին։ Սանչոն, ամբողջովին սպեղանիներով ծածկված, նույնպես պառկեց, աշխատելով քնել, թեև դրան խիստ խանգարում էր կողերի ցավը։ Դոն Կիխոտն էլ, նույն ցավից տառապելով, պառկել էր նապաստաի պես բաց աչքերով։ Ողջ տունը սուզվել էր լռության մեջ և բոլոր ճրագները մարած էին, բացի մուտքի լապտերից։ | ||
+ | |||
+ | Այդ խորունկ լռությունն ու մեր ասպետի անդադրում մտորումները արկածների մասին, որոնցով լի էին նրա ցավին մեղապարտ գիշերը, ներշնչեցին նրան մի ամենատարօրինակ ու անմիտ հեյրուրանք, որ հնարավոր է միայն երևակայել, այն է՝ նրան թվաց, թե ինչ֊որ հռչակավոր մի դղյակ է եկել (որովհետև յուրաքանչյուր ճաշարան, ուր նա ընկնում էր, նրան դղյակ էր թվում) և որ իջևանատիրոջ աղջիկը, այլ կերպ ասած՝ դղյակի տիրոջ աղջիկը, հաղթահարված իր ազնիվ տեսքով, սիրահարվել է իր վրա և խոստացել է այս գիշեր, ծնողներից գաղտնի գալ և բաժանել իր անկողինը։ Այս զառանցանքը, որ ինքն էր հնարել, զուտ ճշմարտություն ընդունելով, նա սկսեց անհանգիստ խորհել վտանգավոր կացության մասին, որի մեջ կընկնի իր առաքինությունը և իր սրտում վճռեց չդավաճանել իր տիկնոջը՝ Դուլսինեա Տոբոսցուն, եթե անգամ Ջինեվրա թագուհին Կինտանյոնա տիկնոջ հետ գալու լինեն առաջարկելու իրենց իրեն։ | ||
+ | |||
+ | Այն պահին, երբ նա խորհում էր այս անմիտ բաները, հասավ ժամը և խփեց ժամը (չարաբաստիկ ժամը դոն Կիխոտի համար) աստուրիացու գալստյան, որ բոպիկ, մենակ շապիկը հագին, չթե փաթաթանով մազերը կապած, հուշիկ, անշշուկ քայլերով ներս մտավ դիմելով ջորեպանի մոտ, սենյակը, որտեղ երեքով էլ պառկած էին։ Սակայն հազիվ էր նա շեմքն անցել, որ դոն Կիխոտը, լսելով նրա ձայնը, նստեց անկողնի վրա, չնայած իր սպեղանիներին և կողերի ցավին և բաց արեց իր գիրկը, իր երիտասարդ սիրուհուն գրկելու համար։ Աստուրիացի աղջիկը, որ կամաց ու անխոս քայլում էր ձեռները առաջ մեկնած իր սիրածի որոնումների մեջ, դիպավ դոն Կիխոտի ձեռներին, որ ամուր բռնեց նրա ձեռքերը և նստեցրեց ահից ոչ մի խոսք ասել չհանդգնող աղջկան իր անկողնու վրա։ Նա շոշափեց աղջկա շապիկը, և թեև այն պարկի կտորից էր կարած, այդ կտորը նրան թվաց նրբագույն և քնքշագույն մետաքս։ Աղջկա ձեռքին ապակե տերողորմյա կար ― նրան թվաց, որ դա թանկագին արևելյան մարգարիտ է։ Աղջկա մազերը, որ ձիու բաշի մազերի էր նման, նրան ներկայացան զուտ արաբական ոսկու թելեր, որ իրենց փայլով կարող են արևը նսեմացնել։ Գալով աղջկա շնչին, որից թթված մսե սալաթի հոտ էր փչում, ապա նրան թվաց, որ այդ շուրթերից անուշ բուրմունք է ծորում։ Մի խոսքով նա իր երևակայության մեջ նկարագրեց նրան այնպես, ինչպես իր կարդացած գրքերում նկարագրվում է մի իշխանուհի, հաղթված ծանր վիրավորված ասպետի սիրուց և տեսակցության եկած վերև նկարագրված հագուստով։ Եվ խեղճ հիդալգոյի կուրությունն այնտեղ էր հասել, որ ո՛չ իր սեփական շոշափելիքը, ո՛չ սիրուն աղջկա շնչառությունն ու այլ հատկությունները, որոնցից, բացի ջորեպանի ամեն մի ուրիշ մարդու սիրտը կխառներ, չկարողացան ցրել նրա մոլորությունը։ Ընդհակառակը, նրան թվում էր, որ նա իր գրկում գեղեցկության դիցուհուն բռնած ունի։ Ամուր սեղմելով նրան, նա մեղմ ու քնքուշ ձայնով ասում էր․ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս կուզենայի ես, չքնաղ և ազնվազարմ տիկին, որ ի վիճակի լինեի ըստ արժանվույն հատուցելու ձեզ այն բարձր ողորմածության համար, որ պարգևում եք ինձ սոսկ ձեր մեծ գեղեցկության տեսքով։ Սակայն ազնիվ մարդկանց անընդհատ հալածող բախտը հաճել է ինձ նետել այս անկողինը, որի վրա ես պառկել եմ այնքան ջարդված ու տրորված, որ եթե ես անգամ կամենայի ձեր ցանկությունը բավարարած լինել, այդ անհնար կլիներ։ Սակայն այդ անկարելությանը մի ուրիշն էլ է միանում, որ առավել մեծ է ― հավատարմությունը, որ ես պարտավոր եմ աննման Դուլսինեա Տոբոսցուն, իմ ամենածպտյալ խոհերի միակ իշխանուհուն։ Եթե բոլոր այդ արգելքները չլինեին, ես, իհարկե, այնքան միամիտ ասպետ չէի լինի, որպեսզի բաց թողնեի երջանիկ դեպքը, որ առաջարկում է ինձ ձեր մեծ բարությունը։ | ||
+ | |||
+ | Մարիտորնեսը մահացու վախեցավ, քրտինքը պատեց նրան, երբ որ դոն Կիխոտը այնքան ամուր բռնեց նրան։ Չհասկանալով, ասենք, չլսելով էլ, թե ինչ է նա ասում, նա աշխատում էր դուրս պրծնել։ Մեր ջորեպանը, որին մեղսալից մտքերը խանգարում էին քնել, իսկույն ևեթ, հենց որ սիրելին շեմքը կոխեց, զգաց նրա ներկայությունը և սկսեց ուշադրությամբ ականջ դնել, թե դոն Կիխոտը նրան ինչ է ասում։ Տառապելով խանդոտ մտքից, թե աստուրիացի աղջիկը, իրեն խաբել է ուրիշի համար, նա մոտեցավ դոն Կիխոտի անկողնուն և թաք կացավ, սպասելով, թե այդ իրեն համար անըմբռնելի խոսքերի վերջն ինչ է լինելու։ Սակայն երբ որ նա տեսավ, որ աղջիկը ուզում է դուրս պրծնի, իսկ դոն Կիխոտը նրան զոռով պահում է, այդ բանը նրան դուր չեկավ և նա տարավ֊բերեց և բռունցքով այնպես խփեց քնքշացած ասպետի նեղ ծնոտին, որ նրա բերանը արնով լցվեց։ Գտնելով, որ դա դեռ քիչ է, ջորեպանը ոտքերը դրեց նրա կրծքին և նրա կողերը արագ֊արագ ոտնահարեց։ Մահճակալը, առանց այն էլ, շնորհիվ հենարանների խախուտության, հաստատ չէր և նրա ծանրութուն չտանելով, փլվեց գետին սաստիկ աղմուկով, որից արթնացավ իջևանի տերը, որ իսկույն որոշեց, որ սա Մարիտորնեսի արարքը կլինի, որովհետև իր բարձր կանչին պատասխան չստացավ։ Այդ համոզումով նա վեր կացավ, ճրագը վառեց և դիմեց աղմուկը եկած տեղը։ Տեսնելով իր սաստիկ զայրացած տիրոջը, աղջիկը վախից իրեն կորցրեց և ապա ծլկեց Սանչո Պանսայի անկողինը, որը խաղաղ քնած էր։ Մտնելով անկողնու մեջ, աղջիկը կծկվեց։ Տերը ներս մտավ և գոռաց․ | ||
+ | |||
+ | ― Այդ որտե՞ղ ես, բո՛զ։ Այդ անշուշտ քո արարքն է։ | ||
+ | |||
+ | Այստեղ արթնացավ Սանչոն։ Զգալով վրան ընկած կենդանի բեռը, նա վճռեց, որ սատանան է իրեն խեղդում և սկսեց բռունցքով հարվածել ամեն կողմ։ Հարվածների զգալի մասը Մարիտորնեսին հասավ։ Աղջիկը, ցավից ամեն ամոթ մառանալով, Սանչոյին այնպես պատասխանեց, որ Սանչոյի քունը ուզեր֊չուզեր՝ փախավ։ Զգալով, որ իրեն դմփզում են և չտեսնելով հակառակորդին՝ Սանչոն վռազ֊վռազ վեր թռավ, բռնեց Մարիտորնեսին, և նրանց միջև շատ տաք և ուրախ կռիվ սկսվեց։ Տիրոջ ճրագի լույսի տակ տեսնելով, թե իր սիրուհին ինչ օրի է, ջորեպանը, թողնելով դոն Կիխոտին, շտապեց նրան օգնության։ Դեպի նա դիմեց նաև տերը, բայց այլ մտադրությամբ, որովհետև նա ուզում էր, մի լավ խրատ տված լիներ, հաստատ համարելով նրան այս ամբողջ պատմության միակ մեղապարտը։ Եվ, ինչպես առածն ասում է՝ «կատուն մկան վրա, մուկը՝ թոկի, թոկը՝ փայտի», ― այդպես էլ ջորեպանը վրա տվեց Սանչոյին, Սանչոն՝ սպասուհուն, սպասուհին՝ նրան, տերը՝ սպասուհուն, ― և չորսով էլ սկսեցին տուր ու դմփոցն առանց դադարի։ Իսկ որովհետև, ի լրումն բավականության, տիրոջ ճրագը հանգավ, ապա հարվածները տեղացին ում որ հասնի և այնքան անողոք, որ ում դիպչում էին, սաղ տեղ չէին թողնում։ | ||
+ | |||
+ | Այնպես պատահեց, որ նույն իջևանում Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադի<ref>Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադն այդպես էր կոչվում ի տարբերություն «նորի», որը հիմնվել է XV դարեվերջին։</ref> հրացանաձիգ մի զինվոր էր գիշերում։ Լսելով, ինչպես և բոլոր մնացյալները, մարտի անսովոր աղմուկ, նա բռնեց իր կարճ գավազանը և իր պաշտոնական թիթեղյա տուփը, մթան մեջ ելավ չարդախն ու ճչաց․ | ||
+ | |||
+ | ― Կանգ առեք, հանուն արդարադատության։ Կանգ առեք հանուն Սանտա Հերմանդադի։ Առաջին մարդը, որին նա դեմ առավ, դոն Կիխոտն էր, որ անզգա պառկած էր, քիթը վերև, իր փլած անկողնու վրա։ Բռնելով նրա միրքից, հրացանաձիգը մի քանի անգամ գոռաց՝ «Հասեք օգնության արդարադատությանը», ապա թե, տեսնելով, որ իր բռնած մարդը չի շարժվում, նա երևակայեց, որ սպանված է, իսկ սենյակում եղած մնացյալները նրան սպանողներն են, ուստի և բարձր աղաղակեց․ | ||
+ | |||
+ | ― Փակեցեք դարպասը։ Ոչ ոքի բաց չթողնեք, որովհետև այստեղ մարդ են սպանել։ | ||
+ | |||
+ | Այս աղաղակից բոլորն էլ վախեցան, և ամեն մեկը, լսելուն պես, դադարեցրեց կռիվը։ Իջևանի տերը շտապով վերադարձավ իր սենյակը, ջորեպանը՝ իր փալանների մոտ, սպասուհին՝ իր խցիկը։ Եվ միայն խեղճ դոն Կիխոտն ու խեղճ Սանչոն չկարողացան տեղից շարժվել։ Հրացանաձիգը, բաց թողնելով դոն Կիխոտի միրուքը, գնաց ճրագ գտնի, որպեսզի բռնի և կալանավորի ոճրագործներին։ Բայց նա չկարողացավ ճրագ գտնել, որովհետև իջևանի տերը դիտմամբ էր հանգցրել մուտքի մոտ և հրացանաձիքգը հարկադրված եղավ գնալու օջախի մոտ, որտեղ մեծ դժվարությամբ նրան հաջողվեց վերջապես կպցնել իր ճրագը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XVII== | ||
+ | |||
+ | Որ նկարագրում է քաջ դոն Կիխոտի և նրա հավատարիմ զինակրի կրած հետագա անհամար աղետները իջևանում, որ ասպետը, դժբախտաբար, դղյակի տեղ ընդունեց | ||
+ | |||
+ | |||
+ | Մինչ այս մինչ այն, դոն Կիխոտը ուշքի եկավ և նույն ձայնով, որ դագանակների դաշտում դիմել էր իր զինակրին, սկսեց նրան կանչել։ | ||
+ | |||
+ | ― Սանչո, բարեկամս, դու քնա՞ծ ես։ Քնա՞ծ ես դու, Սանչո բարեկամ։ | ||
+ | |||
+ | ― Էլ ի՞նչ քուն, ― ձայն տվեց Սանչոն վշտալից ու չար շեշտով, ― բոլոր սատանաները այս գիշեր գլխիս քյալագ եկան։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն պատրաստ եմ հավատալու, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև կամ ես բան չեմ հասկանում, կամ այս դղյակը կախարդված է։ Իմացած եղի՛ր․․․ ասենք, առաջ դու պետք է երդվես, որ այն ամենը, ինչ ես քեզ կպատմեմ, դու գաղտնի կպահես թե՛ իմ կենդանի օրորք, թե՛ իմ մահից հետո։ | ||
+ | |||
+ | ― Երդվում եմ, ― ասաց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Նրա համար եմ այդ ասում, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ես զզվում եմ մեկն ու մեկի պատիվը աղտոտելուց։ | ||
+ | |||
+ | ― Աում եմ ձեզ, ― պատասխանեց Սանչոն, ― որ երդվում եմ դրա մասին լռել մինչև այն օրը, երբ ձերդ ողորմածությունը հոգին կտա Աստծուն և, տա Աստված, որ վաղը ևեթ հաջողի ինձ դուրս տալ։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ես այնքան վատ եմ վարվում քեզ հետ, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը, ― որ դու իմ շուտափույթ մահն ես կամենում։ | ||
+ | |||
+ | ― Այդ չի բանը, ― պատասխանեց Սանչոն, ― այլ պարզապես ես զզվում եմ, որ մի բան մեջս երկար մնում է, վախենում եմ երկար մնալուց թթվի։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ, ― ասաց դոն Կիխոտը, ― այսպես թե այնպես ես վստահ եմ, որ դու ազնիվ ես և ինձ սիրում ես։ Դե, իմացած եղիր, որ այս գիշեր ինձ պատահեց ամենազարմանալի արկածներից մեկը, որոնցով ես կարող եմ պարծենալ։ Կարճ՝ նոր եկել էր մոտս այս դղյակի տիրոջ աղջիկը, չքնաղագեղ և հրապուրիչ մի աղջիկ, որ կարելի է գտնել աշխարհիս երեսին։ Ինչպե՞ս նկարագրեմ նրա հագուստը կամ մտքի սրությունը կամ նրա ծպտյալ հրապույրները, որոնց մասին համեստորեն լռելն ինձ հրամայում է հավատարմությունը իմ տիրուհուն՝ Դուլսինեա Տոբոսցուն։ Մի բան միայն կասեմ քեզ՝ կամ երկինքը նախանձել է իմ այդքան մեծ երջանկությանը, կամ (մի բան, որ ավելի ճիշտ կլինի) այս դղյակը, ինչպես ես քեզ արդեն ասացի, կախարդված է, միայն թե այն միջոցին, երբ որ ես նրա հետ ամենաքնքուշ սիրային խոսակցություն ունեի, հանկարծակի անտեսանելի և անհայտ է, թե որտեղից երևան եկած մի ձեռք, կպցրած ինչ֊որ հրեշավոր հսկայի ուսից, տարավ֊բերեց և իմ ծնոտին այնպիսի հարված հասցրեց, որ բերանս մինչև հիմա արնակալած է։ Դրանից հետո էլ ինձ այնպես ջարդ ու բուրդ արեց, որ հիմա դրությունս ավելի վատ է, քան թե երեկ, երբ որ ձիապանները մեզ վիրավորեցին, ինչպես դու հիշելիս կլինես, Ռոսինանտի անզսպության հետևանքով։ Այդ հարկադրում է ինձ մտածել, որ այդ աղջկա անգին գեղեցկությունը պահպանում է որևէ հմայված մավր և որ նա ինձ համար չի ստեղծված։ | ||
+ | |||
+ | ― Դե, անշուշտ, ոչ էլ ինձ համար, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ավելի քան չորս հարյուր մավր այնպես ման եկան իմ մեջքիս, որ դրա հետ համեմատած երեկվա մահակները գաթա ու փախլավա էին։ Բայց ասացեք, սինյոր, ինչպե՞ս կարող եք դուք մեզ այսպիսի մի կացության մեջ գցող արկածը հազվագյուտ անվանել։ Էլի ձերդ ողորմածությունը, այսպես թե այնպես, իր ձեռքերով բռնած է եղել այդ աննման գեղեցկությունը, որի մասին դուք ասում էիք, իսկ ես ― ինձ ի՞նչ հասավ բացի ծեծից, մի բան, որ երևի արդեն հալածելու է ինձ ողջ կյանքս։ Դժբախտ մարդ եմ ես և ցավի համար է ինձ մայրս ծնել, որովհետև ես թափառական ասպետ չեմ, երբեք չեմ էլ մտածել ասպետ դառնալ, մինչդեռ կրակը մեծ մասամբ իմ գլխին է թափվում։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս, մի՞թե քեզ էլ են ծեծել, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Բա ես ձեզ այդ չասացի՞, անիծվե՜ն իմ ծնողները, ― պատասխանեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Մի՛ վշտանար, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը։ ― Իսկույն ես կպատրաստեմ թանկագին բալասան, որ աչք ճպելու ժամանակ չես ունենա, ինչ մեզ բուժած կլինի։ | ||
+ | |||
+ | Այդ իսկ վայրկյանին, հրացանաձիգը, որ վերջապես աջողել էր ճրագը վառել, ներս մտավ որ տեսնի կարծեցյալ մեռելին։ Տեսնելով, որ մենակ շապիկը հագին, գլուխը թաշկինակներով կապած, ճրագը ձեռքին և ոչ մի բարի բան չգուշակող դեմքով նա մոտենում է իրենց, Սանչոն հարցրեց իր տիրոջից․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր, չլինի՞ թե հմայված մավրը հենց սա է, որ իր գործը չի ավարտել և վերադարձել է, որ մեզ սպանի֊պրծնի։ | ||
+ | |||
+ | ― Սա չի կարող մավր լինել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև հմայվածներն անտեսանելի են լինում։ | ||
+ | |||
+ | ― Եթե տեսնել չի լինում, ապա զգալ անշուշտ հարկ է լինում, ― պատասխանեց Սանչոն։ ― Դրա մասին կարող են պատմել իմ կողերը։ | ||
+ | |||
+ | ― Իմն էլ, ― ասաց դոն Կիխոտը, ― այնուհանդերձ այդ պատճառով չի կարելի կարծել, որ մեր տեսած մարդը հմայված մավրն է։ | ||
+ | |||
+ | Հրացանաձիգը մոտեցավ և, տեսնելով նրանց խաղաղ խոսակցելիս, սաստիկ զարմացավ։ Պետք է ձեզ ասեմ, որ դոն Կիխոտը շարունակում էր քիթը վերև պառկած մնալ, ուժ չունենալով տեղից շարժվելու, ծեծի և բազմաթիվ սպեղանիների պատճառով։ Հրացանաձիգը մոտեցավ նրան ու հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Էհ, ո՞նց է բանդ, սիրելիս։ | ||
+ | |||
+ | ― Ձեր տեղը ես ավելի քաղաքավարի կլինեի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― թե՞ ձեր կողմերում թափառական ասպետների հետ այդպես է ընդունված խոսել, բռի գյուղացի։ | ||
+ | |||
+ | Տեսնելով, թե այդ խղճուկ արտաքինով մարդն ինչպես է խոսում իր հետ՝ հրացանաձիգը չհամբերեց, տարավ֊բերեց ձեթով լի ճրագն ու խփեց դոն Կիխոտի գլխին այնպես, որ քիչ էր մնացել նրա գանգը փշուր֊փշուր աներ։ Սենյակն ընկղմվեց խավարի մեջ և հրացանաձիգն իսկույն դուրս եկավ։ | ||
+ | |||
+ | ― Անկասկած, սինյոր, ― ասաց Սանչո Պանսան, ― դա հենց հմայված մավրն է որ կա։ Նա, երևի, գանձը ուրիշների համար է պահում, իսկ մեզ՝ բռունցքի և ճրագի հարվածներ շնորհում։ | ||
+ | |||
+ | ― Երևի թե այդպես է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և չարժե փորձելն իսկ այդ տեսակ կախարդանքի դեմ կռվելու։ Անօգուտ է նմանապես զայրանալ կամ գանգատվել, որովհետև քանի որ այդ ուժերն աներևույթ են և ցնորական, մենք, ինչքան էլ ջանք թափելու լինենք, չենք կարող վրիժառու լինել։ Փորձի՛ր ապա, Սանչո, վեր կենալ՝ որոնիր այս դղյակի պարետին և աշխատիր մի քիչ յուղ, գինի, աղ և խնկունի գտնել, որպեսզի ես կարողանամ բուժիչ բալասան եփել։ Ճիշտն ասած, ես մեծ կարիք ունեմ, որովհետև այդ տեսիլի հասցրած վերքից սաստիկ արյուն է գալիս։ | ||
+ | |||
+ | Ոսկորների սաստիկ ցավով Սանչոն վեր կացավ և մթան մեջ գնաց իջևանի տիրոջ մոտ։ Ճանապարհին դեմ առնելով հրացանաձիգին, որը հետևում էր, թե ինչ է մտադիր անելու իր թշնամին, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ով էլ դուք լինեք, սինյոր, եղեք այնքան բարեգութ ու բարեգործ, մեզ մի քիչ խնկունի, յուղ, աղ ու գինի տվեք, որպեսզի դեղ պատրաստենք թափառական ասպետներից լավագույններից մեկի համար, որ պառկած է իր անկողնում, այս իջևանում բնակված, հմայված մավրի ձեռքով ծանր վիրավորված։ | ||
+ | |||
+ | Լսելով այդ, հրացանաձիգը վճռեց, որ իր առջև խելագար է կանգնած։ Որովհետև լույսն սկսել էր բացվել, նա դուռը բաց արեց և իջևանի տիրոջը կանչելով հաղորդեց նրան խեղճի խնդիրքը։ Իջևանի տերը հանձնեց Սանչոյին ինչ որ պետք էր, և վերջինս տարավ դոն Կիխոտին, որ կանգնել էր ձեռներով բռնած գլուխը և գանգատվում էր ճրագով հասցրած հարվածից, թեև այդ հարվածից նրա ճակատին միայն երկու բավական խոշոր ուռուցք էր դուրս եկել, իսկ արյան տեղ նա պարզապես քրտինքն էր ընդունել, որ կրած հուզմունքից առատորեն դուրս էր թափվում։ | ||
+ | |||
+ | Նա իսկույն վերցրեց այդ բաղադրիչ մասերը և պատրաստեց բուժիչ խառնուրդ, խառնելով նրանք իրար և պահելով կրակի վրա, մինչև որ նրան թվաց, թե բավական է։ Ապա նա խնդրեց որ իրեն մի սրվակ տան, որպեսզի խառնուրդն ածի նրա մեջ, բայց որովհետև ողջ տանը սրվակ չգտնվեց, նա գոհացավ ձեթի թիթեղյա ամանով, որն իջևանի տերն առաջարկեց նրան ձրիաբար։ Դրանից հետո թիթեղի ամանի վրա նա ոչ պակաս, քան ութսուն անգամ «Հայր մեր» ասաց և բազմաթիվ այլ աղոթքներ՝ իր յուրաքանչյուր խոսքի վրա խաչ հանելով, օրհնելու եղանակով։ Սանչո Պանսան, իջևանի տերն ու հրացանաձիգը ներկա էին այս գործողությանը։ Գալով ջորեպանին, նա ամենահանգիստ կերպով զբաղված էր իր ջորիներով։ Ապա դոն Կիխոտը կամեցավ իսկույն փորձել իր վրա, իր կարծիքով այնքան բուժիչ բալասանի զորությունը և միանգամից կուլ տվեց թիթեղի ամանի մեջ չտեղավորված և կավե ամանում, որի մեջ եփվել էր, մնացածի մեծ մասը, ― մոտավորապես կես ասումբրա։ Բայց հազիվ էր նա խմել ինչ նրա սիրտն այնպես խառնեց, որ նա ստամոքսում եղած֊չեղածը դուրս թափեց։ Սրտախառնության հարուցած ջղաձգություններից և լարվածությունից քրտինքը թափվում էր առատությամբ և նա խնդրեց, որ իրեն տաք֊տաք ծածկեն և մենակ թողնեն։ Կատարեցին։ Երեք երկար ու ձիգ ժամ քնելուց հետո նա արթնացավ թարմ մարմնով և հարվածների ցավն այնքան էր մեղմացել, որ նա իրեն միանգամայն առողջ համարեց և հավատաց, որ, իրոք, Ֆյերաբրասի իսկական բալասան է պատրաստել և շնորհիվ այդ դեղի նա այլևս երկյուղ չունի ընդհարումներից, կռվից ու մուշտակռվից, ինչքան նրանք վտանգավոր թվալու լինեն։ | ||
+ | |||
+ | Սանչո Պանսան, որ իր տիրոջ առողջանալը հրաշք համարեց, խնդրեց, որ դոն Կիխոտը տա իրեն կավե ամանում մնացածը ― իսկ ամանի մեջ քիչ բան չէր մնացել։ Դոն Կիխոտը թույլ տվեց և Սանչոն, երկու ձեռքով բռնելով ամանը, մեծ հավատով ու եռանդով իր կոկորդն ածեց իր տիրոջից շատ քիչ պակաս։ Սակայն հայտնաբերվեց, որ Սանչոյի ստամոքսն այնքան էլ զգայուն չէր, որքան իր տիրոջինը, որովհետև մինչև սիրտ թափելը նա այնպիսի ծակոցներ զգաց և սիրտն այնպես էր խառնում, նա այնպես քրտնեց և այնքան թուլացավ, որ հաստատ ու անկեղծ վճռեց, թե իր վերջին ժամը հասել է։ Այս ծանր ու տանջալից կացության մեջ նա սկսեց անիծել և՛ բալասանը, և՛ չարագործին, որ իրեն հրամցրեց։ Տեսնելով նրան այդ վիճակում դոն Կիխոտն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես կարծում եմ, Սանչո, որ քեզ հասած ամբողջ ցավը նրանից է, որ դու իսկական ասպետ չես։ Որովհետև, կարծեմ, այս խմիչքը օգուտ չի բերում նրան, ով ասպետ չէ։ | ||
+ | |||
+ | ― Եթե ձերդ ողորմածությունն այդ գիտեր, ― բացականչեց Սանչոն, ― ապա ինչո՞ւ ― գետինը մտնեմ ես իմ օխտը պորտով ― թույլ տվեց, որ խմեմ։ | ||
+ | |||
+ | Այդ վայրկյանին խմիչքն արեց իր ներգործությունը և դժբախտ զինակիրը սկսեց դատարկվել երկու ծակից այնպիսի արագությամբ, որ շուտով և՛ խսիրը, որի վրա նա վայր ընկավ և կտավե վերմակը, որ գցած էր նրա վրա, այլևս ոչ մի բանի պիտանի չէին։ Սառը քրտինք թափելով, Սանչոն այնպիսի սարսափելի ջղաձգությունների մեջ էր գալարվում, որ ոչ միայն ինքը, այլև բոլոր ներկա եղողներն այն կարծիքի էին, թե հասել է նրա վախճանը։ Այս փոթորիկն ու տանջանքները տևեցին մոտ երկու ժամ, որից հետո Սանչոն բնավ այնպիսի դրության չհասավ, ինչպես իր տերը, այլ ընդհակառակը՝ այնքան ջարդված էր և տանջված, որ ոտի վրա կանգնել չէր կարող։ Մինչդեռ դոն Կիխոտը, ինչպես մենք արդեն ասացինք, զգալով թարմ և առույգ, կամեցավ իսկույն ճամփա ելնել արկածներ որոնելու, որովհետև այստեղ անց կացրած յուրաքանչյուր ավելորդ ժամը նրան կորուստ էր թվում աշխարհի և նրա պաշտպանության ու հովանավորության կարոտ բոլոր զրկվածների համար ― և նրան առանձնապես մղում էր այդ անելու այն խորը հավատը, որ ներշնչել էին նրան իր բալասանի հատկությունները։ Տոչորվելով այդ ցանկությամբ՝ նա իր ձեռքով թամքեց Ռոսինանտին և փալանեց իր զինակրի էշը, ապա օգնեց վերջինիս, որ վեր կենա և նստի վրան։ Դրանից հետո նա հեծավ ձին և, անցնելով բակի ծայրը բռնեց այնտեղ դրած գյուղական նիզակը,<ref>Կարճ, կոպիտ տաշած նիզակ, որպիսին սովորաբար օգտագործում էին դաշտերի պահապանները։</ref> որ պիտի փոխարիներ մարտականը։ | ||
+ | |||
+ | Իջևանի բոլոր կենվորները՝ մոտ քսան հոգի, եթե ոչ ավել, դուրս եկան նրան նայելու։ Նայում էր նաև իջևանի տիրոջ աղջիկը, որից նա էլ աչքը չէր հեռացնում և մերթ ընդ մերթ նա հոգոց էր քաշում, որ դուրս էր գալիս, ասես, նրա էության խորքից։ Ներկա եղողներին թվում էր, որ այդ հոգոցների պատճառը ցավն է, առնվազն այդպես էին կարծում նրանք, ովքեր նրան տեսել էին նախընթաց երեկոյան, երբ որ նրա մարմնին ամեն կողմից սպեղանի էին կպցնում։ | ||
+ | |||
+ | Երբ որ նրանք երկուսով էլ անասունների վրա էին, դոն Կիխոտը մոտեցավ իջևանի պատշգամբին և, դիմելով տիրոջը, ծանր ու հանդիսավոր ձայնով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձեր դղյակում վայելածս բարիքները, կալվածատեր սինյոր, մեծ ու բազմաթիվ են, և ես ինձ պարտավոր եմ համարում մինչև վերջին օրերս շնորհակալ լինել ձեզ։ Օ՜, եթե կարենայի երախտամատույց լինել ձեզ, ձեզ վիրավորանք հասցրած որևէ հանդուգնի պատժելով։ Որովհետև, իմացած եղեք, իմ կոչումն է՝ օգնել տկարներին, կեղեքվածների վրեժը լուծել և պատժել ստորությունը։ Լավ մտաբերեցեք, չի՞ պատահել ձեզ նման մի դեպք և եթե գտնեք ինձ հանձնարարելու մի բան ― ասացեք շիտա՛կ։ Որովհետև ասպետական կոչման պատվով, որ ինքս դրել եմ ինձ վրա, խոստանում եմ, որ ձեր ամեն ցանկություն արդար կլինի և կբավարավի լիովին։ | ||
+ | |||
+ | Դրան նույնպիսի արժանապատվությամբ իջևանի տերը պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր կաբալյերո, ես կարիք չունեմ, որ ձերդ ողորմածությունը վրիժառու լինի ինձ հասցրած վիրավորանքների համար, որովհետև, տեղը եկած ժամանակ, ես էլ գիտեմ ինձ վիրավորողների հախիցը գալ։ Մի բան միայն կկամենայի ես ― որ ձերդ ողորմածությունը վճարեր ինձ իմ իջևանում գիշերելու համար, այսինքն՝ ընթրիքի և երկու անկողնու համար, ինչպես և ձեր երկու կենդանիների դարման ու կերի համար։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն սա իջևա՞ն է, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, և լավագույն համբավ վայելող, ― պատասխանեց տերը։ | ||
+ | |||
+ | ― Մինչև այս վայրկյան ես մոլորության մեջ եմ եղել, ― ասաց դոն Կիխոտը, ― որովհետև, ճիշտն ասած, երևակայում էի, թե դղյակ է և վատը չէ։ Բայց քանի որ դղյակ չէ, այլ իջևան, ինձ մնում է խնդրել ձեզնից, որ ազատեք վճարից։ Որովհետև ես չեմ կարող փոփոխել թափառական ասպետների կանոնադրությունը, որի համաձայն, ― ինչպես ինձ լավ հայտնի է, քանի որ գրքերում հակառակը չեմ հանդիպել, ― նրանք երբեք գիշերելու կամ որևէ այլ բանի համար հյուրանոցում, որտեղ իջևանում էին, չէին վճարում։ Նրանք իրավամբ և ըստ օրինաց ամենուրեք վայելում էին լավագույն ընդունելություն, որ նրանց ցույց էր տրվում ի վարձատրություն մեծամեծ նեղությունների, որ նրանք կրում են՝ զոր ու գիշեր անց կացնելով արկածների որոնումների մեջ, ամառ ու ձմեռ, ոտով թե ձիով, տանելով քաղց ու ծարավ, շոգ ու սառնամանիք, ենթարկվելով երկնային արհավիրքների բոլոր փոփոխություններին և երկրային աղետներին։ | ||
+ | |||
+ | ― Այդ գործերից խելքս քիչ է կտրում, ― հայտարարեց իջևանի տերը, ― վճարեցե՛ք ինձ, ինչ որ հարկն է, թե չէ ես գործ չունեմ զանազան ասպետների և ասպետությունների հետ։ | ||
+ | |||
+ | ― Դուք անտաշ ու մուրտառ միկիտանչի եք, ― բացականչեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | Եվ խթանելով Ռոսինանտին, ճոճելով իր գեղջկական նիզակը, նա անարգել դուրս եկավ բակից և բավական ճանապարհ կտրեց, առանց հետ նայելու, որ տեսնի՝ գալի՞ս է արդյոք իր ետևից զինակիրը, թե՞ ոչ։ Տեսնելով, որ կենվորը գնաց առանց վճարելու, իջևանի տերը իր հաշիվը ներկայացրեց Սանչո Պանսային։ Սանչոն հայտարարեց, թե քանի որ իր տերը չկամեցավ վճարել, ապա ավելի քիչ է հակված վճարելու ինքը, որովհետև թափառական ասպետի զինակիրը լինելով, նա ենթարկվում է նույն կանոնադրության, ինչ որ իր տերը, որը թույլ չի տալիս իջևաններում և պանդոկներում որևէ բանի համար վճարելու։ Իջևանի տերը, հանաքը դենը, զայրացավ և սպառնաց, որ եթե Սանչոն իրեն չվճարի, ապա նա նրա հախիցը կգա իր գիտցած ձևով։ Բայց Սանչոն դրան պատասխանեց, թե հնազանդելով ասպետական կանոնադրության, նա ոչ մի գրոշ չի վճարի, անգամ իր կյանքի գնով, որովհետև նա չի ուզում, որ իր պատճառով պախարակված լինի թափառական ասպետների գեղեցիկ և հին սովորությունը և որպեսզի իրենից հետո աշխարհ եկած զինակիրները չկարողանան դժգոհել իրենից և կշտամբել այնքան արդար օրենքի խախտման համար։ | ||
+ | |||
+ | Դժբախտ Սանչոյի չար բախտից քարվանսարայի կենվորների թվում չորս սեգովիացի գզրարներ կային, երեք ետ եկած տղա՝ Պոտրոյից, որ գտնվում է Կորդովայում և էլի երկու սրիկա Սևիլիայի Տոնավաճառի թաղից ― բոլորն էլ ուրախ, կտրիճ, մոգոնող ու հանաքչի տղաներ։ Նրանց բոլորի գլխում միևնույն միտքը ծագեց և, առանց իրար հետ խոսքը մեկ անելու, նրանք շրջապատեցին Սանչոյին և վայր քաշեցին իշից։ Նրանցից մեկը վազեվազ գնաց բերեց քարվանսարայի տիրոջ վերմակը, որի վրա և գցեցին Սանչոյին։ Սակայն աչքերը բարձրացնելով և նկատելով, որ առաստաղը ցածր է իրենց մտահղացման համար, նրանք վճռեցին հետևի բակն անցնել, որի առաստաղը երկնակամարն էր։ Այնտեղ, Սանչոյին վերմակի մեջտեղը դնելով, նրանք սկսեցին վեր֊վեր գցել, խաղալով՝ ինչպես կառնավալի միջոցին խաղում են շան հետ։ | ||
+ | |||
+ | Վեր֊վեր գցվող տառապյալի աղաղակները այնքան սուր էին, որ հասան իր տիրոջ ականջին, որը սկզբում կարծեց, թե իրեն որևէ նոր արկած է հանդիպել, սակայն շուտով ճանաչեց իր զինակրի ձայնը։ Շուռ տալով իր ձիու գլուխը, նա ահավոր արագությամբ քշեց, ետ եկավ իջևանը և, դարպասը փակ գտնելով, սկսեց շուրջը պտույտ գործել, որոնելով մուտքը։ Սակայն հազիվ էր մոտեցել հետին բակի ցանկապատին, որ շատ էլ բարձր չէր, ինչ տեսավ ուրախ խաղը, որ սկսել էին զինակրի հետ։ Նրա աչքի առջև նա թռչում էր օդը և ապա վայր ընկնում այնպիսի զվարճալի արագությամբ, որ եթե դոն Կիխոտի ցասումը չբռնկեր, կարելի է հավատացած լինել, որ նա ծիծաղից կթուլանար։ Նա փորձեց ձիու վրայից անցնել ցանկապատի վրա, բայց այնքան թույլ ու ջարդված էր, որ չկարողացավ անգամ ձիուց իջնել։ Ուստի շարունակելով ձիու վրա նստած մնալ, նա սկսեց չարաճճիների վրա կարկուտի պես այնպիսի անեծք ու հիշոց տեղալ, որ գրիչս հրաժարվում է վերարտադրել։ Իսկ հանաքչիները, չնայած դրան, չէին դադարում ուրախ֊ուրախ աշխատելուց, ինչպես և օդում թռչկոտող Սանչոն չէր դադարում իր վայնասուններից, որոնց մեջ միանում էին աղերսն ու սպառնալիքը։ Այդ ամենը, սակայն, նրան քիչ էր օգնում։ Վերջապես տղաները հոգնելով իրենք թողին խաղը։ Այստեղ նրանք մոտ բերին էշին, նստացրին Սանչոյին փալանի վրա և վերնարկը գցեցին նրա ուսերին, իսկ սրտացավ Մարիտորնեսը, տեսնելով, թե նա ինչպես է տանջվել, վճռեց, որ պատեհ կլինի կազդուրել նրան մի գավաթ ջրով, որ և բերեց նրա համար ջրհորից, որպեսզի ավելի թարմ լինի։ Սանչոն վերցրեց գավաթը և արդեն տարել էր բերանը, որ հանկարծ կանգ առավ, լսելով իր տիրոջ բարձր ճիչը․ | ||
+ | |||
+ | ― Սանչո, զավակս, ջուր մի՛ խմիր։ Մի՛ խմիր, եթե չես ուզում մեռնել։ Տես, ահա հրաշագործ բալասան (այս խոսքերի վրա նա ցույց տվեց թիթեղյա ամանը), որի երկու կաթիլը քեզ կբուժի։ | ||
+ | |||
+ | Բայց ի պատասխան Սանչոն խեթ֊խեթ նայեց նրան և ոչ պակաս բարձր բղավեց․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունը մոռացել է, հա՞, որ ես ասպետ չեմ, և կամենում է, որ ես այս գիշերվանից մնացած վերջին փորոտիքս փսխե՞մ։ Ձեր խմելիքը ձեզ մնա ― հազա՜ր սատանա ― իսկ ինձ հանգիստ թողեք։ | ||
+ | |||
+ | Վերջին խոսքերը նա արտասանեց քիթը գավաթի մեջ կոխած։ Սակայն առաջին իսկ կումից նկատելով, որ հասարակ ջուր է, նա չկամեցավ շարունակել և խնդրեց, որ Մարիտորնեսը գինի բերի և աղջիկը սիրով կատարեց, վճարելով գինու գինը իր սեփական գրպանից։ Ճիշտ են նրա մասին ասում, որ թեև նրա փեշակը բանի նման չի, բայց էլի իր սրտում քրիստենական զգացմունքների կտոր կար։ Խմելով գինին՝ Սանչոն տվեց էշի կողերին կրունկներով և դարպասը լայն բանալով, դուրս եկավ բակից, սաստիկ գոհ մնալով, որ բան չվճարեց և իրասածի եղավ, թեև ոչ առանց վնասի իր սովորական երաշխավորողների՝ կողերի համար։ Ճիշտ է, իջևանի տերը պահել էր նրա ճամբորդական պայուսակը հաշվի դիմաց, բայց Սանչոն դուրս գալուց այնքան հուզված էր, որ այդ բանը չէր նկատել։ Երբ որ նա հեռացավ, իջևանի տերը կամեցավ դարպասը պինդ կապել, բայց մեր տաքգլուխ տղերքը խանգարեցին։ Եվ, իրավ, դրանք այնպիսի ղոչաղ տղերք էին, որ եթե դոն Կիխոտը Կլոր Սեղանի իսկական ասպետներից էլ լիներ, դարձյալ նրա փոխարեն ոչ մի կոպեկ չէին տա։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XVIII== | ||
+ | |||
+ | Որ պարունակում է Սանչո Պանսայի զրույցը իր տիրոջ հետ, այլև զանազան ուրիշ արկածներ, որ արժանի են հիշատակության | ||
+ | |||
+ | |||
+ | Սանչոն հասավ իր տիրոջը այնքան տրորված ու թուլացած, որ ուժը չէր պատում անգամ իր էշին քշելու։ Տեսնելով նրան այդպիսի վիճակում դոն Կիխոտն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հիմա ես սկսում եմ հավատալ, իմ բարի Սանչո, որ այդ դղյակը, կամ իջևանը, իրոք, կախարդված է։ Իհարկե, որ այդպես է։ Որովհետև ովքե՞ր կարող էին լինել քեզ ծաղր ու ծանակ անող այն էակները, եթե ոչ տեսիլներ և այն աշխարհից դուրս եկած ոգիներ։ Դրա հաստատումը ես նրա մեջ եմ տեսնում, որ երբ ես ցանկապատի վրայով հետևում էի քո տխուր ողբերգության ընթացքին, ես ի վիճակի չէի ոչ միայն ցանկապատի մյուս կողմը անցնելու, այլև անգամ Ռոսինանտից վայր գալու։ Անտարակույս, ինձ հմայել էին։ Որովհետև, երդվում եմ իմ պատվով, եթե միայն ես կարողանայի բակն անցնել կամ իջնել ձիուց, ես քո վրեժն այնպես կլուծեի, որ նրանք ողջ կյանքը չէին մոռանա, թեպետև ստիպված լինեի դրա համար խախտելու ասպետական օրենքը, որ ասպետին արգելում է, ինչպես քեզ քանիցս արդեն բացատրել եմ, ձեռք բարձրացնել նրա դեմ, ով ասպետ չէ, բացի միայն ծայրահեղ և ծանր դեպքերից, երբ որ հարկադրված ես լինում պաշտպանելու քո կյանքն ու անձը։ | ||
+ | |||
+ | ― Ես ինքս էլ վրեժ կլուծեի, եթե հնար լիներ, ասպետ եմ, թե ասպետ չեմ՝ մեկ է, միայն թե ոչ մի կերպ չէր կարելի։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ գլխիս քյալագ բերողները ամենևին տեսիլներ չեն կամ կախարդված մարդիկ, ինչպես պնդում է ձերդ ողորմածությունը, այլ ամենահասարակ մարդիկ, միս ու ոսկորից, ինչպես որ մենք ենք։ Ամեն մեկը նրանցից իր անունն ուներ, ես այդ լսեցի, երբ որ ինձ դեպի վեր գցելով նրանք իրար կանչում էին․ մեկի անունը Պեդրո Մարտինես էր, մյուսինը՝ Տենորիս Էռնանդես, իսկ իջևանի տիրոջը կոչում էին Խուան Պալոմեկե Լեվշա։ Այնպես որ, սինյոր, եթե դուք չկարողացաք ցանկապատը անցնել և իջնել ձիուց, ապա դրա պատճառը բոլորովին այլ է և ոչ թե կախարդությունը։ Գալով ինձ, այդ ամենից մեկ բան է պարզ՝ բոլոր այս արկածախնդրությունները մեզ այնպիսի պատահարների կհասցնեն, որ վերջ ի վերջո մենք չենք կարողանալու տարբերել աջ ոտը ձախից։ Ամենալավ և հանգիստ բանը, որ մենք հիմա կարող էինք անել ― դե ներեցեք ինձ, հիմարիս, ― դա տուն դառնալն էր։ Հունձի ժամանակն էլ վրա է հասնում և տնտեսությամբ զբաղվելու միջոցը հենց այս է, փոխանակ թրև գալու աշխարհովս մեկ, կրակից բոցեր նետվելով։ | ||
+ | |||
+ | ― Քի՛չ բան ես հասկանում դու, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ասպետական գործերում։ Լռի՛ր և զինվի՛ր համբերությամբ, որովհետև կհասնի օրը և դու սեփական աչքերով կհամոզվես, թե ի՜նչ ազնիվ գործ է այսպիսի սխրագործություններով զբաղվելը։ Դե, ասա տեսնեմ, աշխարհիս երեսին ավելի մեծ ուրախություն և բավարարվածություն կա՞, քան հաղթանակ տանելն ու թշնամուն ջախջախելը։ Խոստովանի՛ր, որ դրանից լավ բան չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Երևի թե այդպես է, ― պատասխանեց Սանչոն, ― թեև անձամբ ես այդ բաներից գլուխ չեմ հանում։ Մի բան միայն գիտեմ, այն օրից, ինչ մենք թափառական ասպետներ ենք դառել, ավելի ճիշտն ասած՝ միայն ձերդ ողորմածությունը, որովհետև ես չեմ կարող ինձ էլ դասել այդ բարձր կոչման կարգին, ― մենք և ոչ մի հաղթանակ չենք տարել, չհաշված բիսկայեցու վրա տարած հաղթությունը, այն էլ ասենք, որ այդ կռվում ձերդ ողորմածությունը կորցրեց իր ականջի և սաղավարտի կեսը, իսկ դրանից հետո բացի ծեծ ու ապտակից ուրիշ բան չենք տեսել։ Իսկ ինձ վերմակի վրա վեր թռցնել էլ բաժին հասավ, համ էլ վեր թռցնողները հմայված մարդիկ են եղել, որոնցից ես չեմ կարող վրեժ լուծել, որպեսզի կարողանայի փորձել, արդյոք վրեժից ստացած բավականությունն այնքան մե՞ծ է, ինչպես պնդում է ձերդ ողորմածությունը։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդ է, Սանչո, ինձ առաքած պատիժը, որ դու էլ պետք է համբերես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Սակայն ապագայի համար ես կաշխատեմ ձեռք բերել որևէ սուր, որ այնպիսի հատկություններ ունենա, որ նրա տերը ենթակա չլինի ոչ մի կախարդանքի։ Եվ հնարավոր է, որ երջանիկ հնարավորությունը իմ ձեռը տա Ամադիսի սուրբ ― ա՛յն շրջանի Ամադիսի, երբ որ նա ինքն իրեն բոցավառ Արի Ասպետ էր կոչում, ― իսկ դա ― աշխարհիս լավագույն օրերից մեկն է, որ երբևիցե ունեցել են ասպետները, որովհետև բացի հիշատակված հատկություններից, նա կտրում է ածելու նման, և գոյություն չեն ունեցել այնպիսի ամուր կամ հմայված զրահներ, որ դիմանային նրա դեմ։ | ||
+ | |||
+ | ― Իմ քոռ բախտից, ― ասաց Սանչոն, ― եթե ձերդ ողորմածությունը աջողեր էլ այդպիսի սուր ձեռք բերել, ապա դուրս կգա, որ նա միայն ասպետների համար է պիտանի, ինչպես բալասանի նկատմամբ դուրս եկավ, իսկ զինակիցները թող հատուցեն իրենց կողերով։ | ||
+ | |||
+ | ― Դեն գցիր երկյուղդ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― շուտով երկինքը ավելի բարեհաճ կլինի քո նկատմա՛մբ էլ։ | ||
+ | |||
+ | Այն ժամանակ, երբ որ նրանք գնում էին՝ զբաղված այս զրույցով, դոն Կիխոտը հանկարծ այն ճանապարհին, որով առաջ էին ընթանում, նկատեց իրենց դեմ սլացող ահագին ու թանձր փոշու ամպ։ Տեսնելով այդ՝ նա ետ դառավ Սանչոյին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հասավ այն օրը, օ՜ Սանչո, երբ դու կտեսնես, թե ինչ հաջողություն է պատրաստել ինձ համար բախտը։ Ահա՛ այն օրը, ասում եմ քեզ, երբ իմ բազուկի ողջ զորությունը պիտի հայտնաբերվի և երբ ես կկատարեմ գործեր, որոնք կգրվեն Փառաց Մատյանում գալիք սերունդների համար։ Տեսնո՞ւմ ես Սանչո, փոշու ամպը, որ սողում է այնտեղ։ Նա ահագին մի զորք է ծածկում զանազան, անթիվ ցեղերից, որ մեր կողմն է դիմում։ | ||
+ | |||
+ | ― Թե որ բանն այդպես դուրս եկավ, ― հայտարարեց Սանչոն, ― ապա երկու զորք, որովհետև մյուս կողմից ճիշտ դրան նման ուրիշ մի ամպ էլ է սլանում։ | ||
+ | |||
+ | Շուռ գալով դոն Կիխոտը համոզվեց, որ Սանչոն ճիշտ էր ասում։ Եվ ծայր աստիճան ուրախացած, նա, առանց տատանվելու, որոշեց, որ երկու բանակ է շարժվում, որոնք պիտի մոտենան իրար և կռվեն լայնածավալ դաշտում։ Որովհետև ամեն ժամ, ամեն վայրկյան նրա երևակայության մեջ պատկերվում էին մարտեր, կախարդանքներ, արկածներ, սխրագործություններ, սիրային խելագարություններ, մենամարտություններ, որոնց մասին պատմում են ասպետական վեպերը և նրա բոլոր խոսքերը, գործողություններն ու մտքերը այդ կողմն էին ուղղված։ Մինչդեռ իրականում, փոշու ամպերը, որ նա նկատել էր, գառն ու ոչխարների երկու խոշոր հոտերից էր, որ առաջ էին շարժվում միևնույն ճամփով հակառակ ծայրերից, բարձրացնելով փոշի, որ խանգարում էր տեսնել նրանց, մինչև որ նրանք բոլորովին չմոտեցան։ Սակայն դոն Կիխոտը այնքան կրակոտ էր պնդում, թե դա երկու բանակ է, որ Սանչոն վերջ ի վերջո հավատաց ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Բա հիմա ի՞նչ պիտի անենք, սինյոր։ | ||
+ | |||
+ | ― Ինչ անե՜նք, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Օգնության հասնենք և պաշտպանենք ավելի թույլ կողմը, որ պաշտպանության կարիք ունի։ Իմացած եղիր, Սանչո, որ մեզ ընդառաջ եկող բանակն առաջնորդում է Ալֆանֆարոն կայսրը, Տրապոբանա<ref>Տապրոբանայի փոխարեն (Ցեյլոն կղզու հին անունը)։</ref> խոշոր կղզու հրամայողը, իսկ մեր հետևից եկող զորքի առաջնորդը նրա թշնամին է, գարամանտների<ref>Գարամանտներ ― հեքիաթային ժողովուրդ, հին հեղինակների վկայությամբ՝ ապրել է Աֆրկայի խորքերում։</ref> թագավորը, «Թևը վեր քաշած» Պենտապոլինը, որը նրա համար է այդպես կոչվել, որ կռվի գնալուց միշտ մերկացնում է իր աջը։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ են ապա այդ երկու սինյորներն իրար այդպես ատում, ― հարցրեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― Ալֆանֆարոն երդվյալ հեթանոսը սիրահարվել է Պենտապոլինի աղջկան, մի չքնաղ աղջկա, որ քրիստոնյա էլ է, իսկ հայրը չի ուզում նրան հեթանոս թագավորի մարդու տված լինի, մինչև որ նա չհրաժարվի սուրբ մարգարե Մոհամմեդի օրենքից և չընդունի մեր հավատը։ | ||
+ | |||
+ | ― Թող իմ միրուքը թափի, ― բացականչեց Սանչոն, ― թե Պենտապոլինը միանգամայն արդարացի չլինի։ Ես պատրաստ եմ նրան օգնելու իմ բոլոր ուժով։ | ||
+ | |||
+ | ― Եվ դու միանգամայն արդարացի կվարվես, ― ասաց դոն Կիխոտը, ― որովհետև այդպիսի կռիվներին մասնակցելու համար բոլորովին անհրաժեշտ չէ ասպետ լինել։ | ||
+ | |||
+ | ― Այդ ես հասկանում եմ, ― պատասխանեց Սանչոն։ Բայց ահա թե ինչ՝ որտե՞ղ թաքցնենք իմ էշին, որ այս տուր ու դմփոցից հետո նրան գտնենք։ Որովհետև էշի վրա կռվի ելնելը դժվար թե երբևիցե արված լինի։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― քեզ մնում է միայն բաց թողնել, տղաս, առանց հոգ տանելու, կկորչի թե չէ, ― որովհետև, եթե կռվից հաղթական դուրս գալու լինենք, մենք մեր տրամադրության տակ այնքան ձի կստանանք, որ անգամ Ռոսինանտին վտանգ է սպառնում, գուցե նրան փոխեմ՝ ուրիշ ձի վերցնեմ։ Իսկ հիմա լսի՛ր ինձ և ուշադրությամբ նայիր՝ ես քեզ մատնանշեմ երկու բանակի գլխավոր ասպետներին։ Եվ որպեսզի դու նրանցից յուրաքանչյուրին առանձին֊առանձին ավելի հեշտ տեսնես, բարձրանանք այս մոտիկ բլուրը, որտեղից երկու զորքն էլ լավ կերևան։ | ||
+ | |||
+ | Նրանք այդպես էլ արին։ Բարձրացան բլուրը, որտեղից առանց դժվարության կարելի էր ջոկել երկու հոտն էլ, որ դոն Կիխոտը բանակների տեղ էր դրել, եթե միայն փոշու ամպերով պատած չլինեին, մի բան, որ մթագնում էր տեսողությունը։ Եվ ահա, իր երևակայության մեջ տեսնելով այն, ինչ նրա աչքերը չէին տեսնում և ինչ որ իրոք գոյություն չուներ, դոն Կիխոտը բարձրաձայն սկսեց․ | ||
+ | |||
+ | ― Տեսնո՞ւմ ես այն ասպետին խիստ դեղին զրահներով, որի վահանի վրա նկարված է աղջկա ոտների տակ պառկած թագակիր առյուծը։ Դա արի Լաուրկալկոն է, Պուենտե դե Պլատայի<ref>Պուենտե դե Պլատա ― «Արծաթե կամուրջ»։ «Ամադիս» և «Էսպլանդիան» ասպետական վեպերում հանդիպող այս անունը կոմիկական գույն է ստացել «փախչող թշնամուն արծաթե կամուրջ» առածի մեջ, այսինքն՝ փախչող թշնամու համար արծաթե կամուրջն էլ չպետք է ափսոսալ։</ref> իշխանավորը։ Իսկ այն, ոսկե ծաղիկներով զարդարած զրահներովը, որ վահանի վրա, լուրթ դաշտի մեջ երեք արծաթե թագ ունի, դա ահեղ Միկոկոլեմբոն է, Կիրոսիի մեծ դուքսը։ Հետո, նրա աջ կողմից՝ ճշմարիտ հսկա, անվախ Բրանդաբարբարան դե Բոլիչեն է, երեք Արաբիայի իշխողը։ Նրա հագին օձի կաշի է և ձեռքին, վահանի փոխարեն՝ դուռ, որ, ըստ ավանդության, պատկանելիս է եղել տաճարին, որ քանդեց Սամսոնը, երբ որ, մեռնելուց, իր թշնամիներից վրիժառու եղավ։ Հիմա, եթե դու մյուս կողմը դարձնելու լինես հայացքդ, երկրորդ զորքի առաջնորդներից, զորքի առջևից, կտեսնես միշտ հաղթող և տակավին երբեք չհաղթված Տիմոնել Կարկախոնցուն, նոր Բիսկայի տիրոջը։ Նրա հագին քառափեշ զրահ կա՝ լուրթ, կանաչ, ճերմակ ու դեղին գույներով, իսկ վահանի վրա շեկ դաշտում կատու, «Մյաու» ստորագրությամբ, ինչպես հաստատում են, նրա տիկնոջ կրճատ անունը, աննման Միուլինեի, Ալֆենիկեն Ալգարբացի հերցոգի դստեր։ Այն մյուսը, քիչ հեռուն, որի ծանրության տակ ծռվում է նրա զորավոր ձիու ողնաշարը, ձյունաթույր զրահներով ասպետը, ճերմակ վահանով առանց նշանաբանի, դա նորելուկ ասպետ է, ցեղով՝ ֆրանսիացի, անունը՝ Պիեր Պապին, Ուտրիկի բարոնությունների կալվածատեր։ Իսկ այն, ավելի հեռուն, երկնագույն լուրթ զրահներով, որ իր երկաթե խթանները խրում է իր արագաոտն շերտավոր վագերաձիու կողերը, Ներբիի զորավար հերցոգ Էսպարտաֆիլարդո դել Բոսկեն է, որի վահանի վրա մի կապ սպանաղ է նկարած և կաստիլերին նշանաբան գրած՝ Հետևիր իմ բախտին։ | ||
+ | |||
+ | Եվ շարունակելով նույն եղանակով՝ դոն Կիխոտը բազմաթիվ ասպետների անուններ հիշատակեց, որ երկու կարծեցյալ բանակներում գտնվում էին, յուրաքանչյուրին հատուկ զինանշան, գույն, նշան ու ազդանշան տալով, որ հուշում էր նրա չտեսնված խելագարությունը և ապա, առանց հանգիստ առնելու, շարունակում էր․ | ||
+ | |||
+ | ― Մեր դիմացի զորքը ամենաբազմազան ցեղերից է բաղկացած։ Այստեղ հռչակավոր Կսանֆի անուշ ջրերը խմող ժողովուրդներ կան, մարդիկ, որ ոտնակոխ են անում մասսիլիական լեռնադաշտերը, ցեղեր, որ ցանում են երջանիկ Արաբիայի զուտ ոսկու փոշին, նրանք, որ երանավետ կյանք են քաշում վճիտ Տերմոդոնտի սքանչելի, զովասուն ափերին, նրանք, որ բազմատեսակ եղանակով սպառում են ոսկեբեր Պատոկլը, իրենց խոսքին անհավատարիմ նումիդիացիները, իրենց նետ ու աղեղով հայտնի պարսիկները, վազ տալու միջոցին կռվող մեդիացիկ ու պարթևները, արաբները, իրենց քոչվոր վրաններով, սկյութացիները, որոնք նույնքան հայտնի են իրենց դաժանությամբ, որքան և մորթու ճերմակությամբ, ծակված շուրթերով հաբեշստանցիները և հազար ու բյուր ուրիշ ցեղեր, որոնց դիմագծերը ես տեսնում ու ճանաչում եմ, թեև ի վիճակի չեմ մտաբերելու նրանց անունը։ Մյուս բանակում դու տեսնում ես ձիթենիների պուրակներ ոռոգող Բեթիսի բյուրեղյա կոհակները խմող ցեղեր, նրանց, որոնք իրենց երեսը թարմացնում ու լվանում են մշտառատ, ոսկեհեր Տախոյի ջրերով, նրանց, որոնք վայելում են սքանչելի Խենիլի պտղաբեր ջրերը, նրանց, որոնք պարարտ արոտներ ունեցող տարտեզիական դաշտերում են թափառում, նրանց, որոնք Խերեսի ելիսեյան մարգերում են անհոգ ապրում, հարուստ լամանչեցիներին, ոսկե հասկերից պսակներով, երկաթակապ մարդկանց, հին գոթերի վերջին սերունդներին, մարդկանց, որ ծանր հոսանքով հայտնի Պիսուրգվում են ընկղմում իրենց մարմինները, նրանց, որոնք արածացնում են իրենց հոտերը արձակ արոտներում ծուռումուռ Գվադիանայի, որ հռչակված է աչքերից թաքուն մնացող ջրերով,<ref>Վերին Գվադիանայի ջրերն իրենց հոսանքի ընթացքում մի քանի անգամ ծածկվում են հողի տակ և հետո նորից երևան են գալիս։</ref> նրանց, որոնք դողում են ցրտից անտառապատ Պիրենեյում և Ապենինի ձյունապատ բարձրունքներում, մի խոսքով բոլոր ցեղերը, որ պարունակում է իր մեջ և սնում Եվրոպան։ | ||
+ | |||
+ | Տեր Աստվա՜ծ, քանի՜, քանի՜ երկրի անուն տվեց նա, քանի՜ ժողովուրդ հիշատակեց՝ վայրկյանապես ամեն մեկին առանձին հատկություն վերագրելով։ Եվ այս ամենը նա քաղում էր իր կարդացած սուտ վեպերից, որոնցով լի էր նրա գլուխը։ Սանչոն նրան ունկդրում էր՝ ուշի ուշով, սիրտ չանելով մի խոսք ասել և միայն ժամանակ առ ժամանակ գլուխը շուռ էր տալիս այն հույսով, որ տեսնի ասպետներին ու հսկաներին, որոնց հիշատակում էր իր տերը։ Բայց որովհետև նրանցից և ոչ մեկին նրան չհաջողվեց երևան բերել, նա վերջ ի վերջո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ո՞ր ջհաննամն են կորել, սինյոր, բոլոր այդ ասպետներն ու հսկաները, որոնց մասին խոսում է ձերդ ողորմածությունը։ Ես, գոնե, նրանցից և ո՛չ մեկին չեմ տեսնում։ Թե՞ նրանք բոլորն էլ նույնպես հմայված են, ինչպես տեսիլները, որ հայտնվեցին մեզ անցյալ գիշեր։ | ||
+ | |||
+ | ― Այդ ինչե՜ր ես խոսում դո՛ւ, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե դու չես լսում ձիերի խրխրնջոցը, թմբուկների թնդյունը և եղջերափողերի հնչյունը։ | ||
+ | |||
+ | ― Ես ոչինչ չեմ լսում, ― պատասխանեց Սանչոն, ― բացի գառն ու ոչխարների մայունը։ | ||
+ | |||
+ | Եվ դա զուտ ճշմարտություն էր, որովհետև այդ միջոցին երկու հոտը բոլորովին մոտեցել էին իրար։ | ||
+ | |||
+ | ― Ահը, որ քեզ պատել է, ― ասաց դոն Կիխոտը, ― խանգարում է քեզ, Սանչո, ճիշտ տեսնել ու լսել։ Երկյուղի արտահայտություններից մեկն այն է, որ մեր զգացմունքները կորցնում են պայծառությունը, և ամեն ինչ մեզ աղճատված ձևով է ներկայանում։ Թե որ դու այդքան վախեցել ես, ապա մի կողմ քաշվիր և թող որ ես մենակ գործեմ, որովետև ես մենա՛կ էլ հերիք եմ, որպեսզի ապահովեմ հաղթանակը նրանց, որոնց ես օգնելու լինեմ։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերով նա խթանները խրեց Ռոսինանտի կողերը և, նիզակը ճոճելով, կայծակի արագությամբ սլացավ բլուրից։ | ||
+ | |||
+ | ― Տեր իմ, սինյոր դոն Կիխոտ, ― սկսեց ճչալ Սանչոն, ― վերադարձեք, իմ հոգին վկա, դուք գառն ու ոչխարների վրա կհարձակվեք։ Վերադարձեք, աղաչում եմ հանուն իմ հոր։ Այդ ի՜նչ խելագարություն է։ Հավատացեք ինձ, այստեղ ո՛չ հսկա կա, ո՛չ ասպետ, ո՛չ կատու, ո՛չ զենք ու զրահ, ո՛չ ամբողջ, ո՛չ էլ քառափեշ վահաններ, ո՛չ լուրթ երկինք, ո՛չ էլ ձեր բոլոր սատանայական բաները։ Այդ ի՜նչ է անում նա, վա՜յ իմ մեղաց։ | ||
+ | |||
+ | Բայց ոչինչ չէր կարող կանգնեցնել դոն Կիխոտին, որ բարձրաձայն բացականչում էր․ | ||
+ | |||
+ | ― Համարձա՛կ, թևը վեր քաշած Պենտապոլին ազնիվ կայսեր դրոշակներին հավատարիմ ասպետներ։ Հառա՛ջ, ինձ հե՜տ։ Դուք կտեսնեք, թե ինչ արագ ես վրիժառու կլինեմ նրա թշնամի Ալիֆանֆարոն Տրապոբանացուց։ | ||
+ | |||
+ | Այս կոչերով նա ներխուժեց ոչխարի հոտի խորքն ու սկսեց նրանց ծակել իր նիազակով այնպիսի կատաղի խիզախությամբ, ասես իսկ որ իր մահացու թշնամիները լինեին։ Հովիվները փորձեցին աղաղակներով նրան կանգնեցնել, սակայն տեսնելով, որ խոսքերը չեն օգնում, նրանք դիմեցին իրենց պարսերին և սկսեցին դոն Կիխոտի ականջները ողջունել բռունցքի մեծությամբ քարերով։ Սակայն սա, առանց քարերին ուշ դարձնելու, դես֊դեն էր ընկնում դաշտում բացականչելով․ | ||
+ | |||
+ | ― Որտե՞ղ ես, գոռոզ Ալիֆանֆարոն։ Դո՛ւրս եկ իմ դեմ։ Ես պատրաստ եմ մեկը մեկի դեմ կռվելու քեզ հետ և մահացու հարված հասցնել քեզ որպես պատիժ քո հանդուգն հարձակման Պենտապոլին Գարամանցու վրա։ | ||
+ | |||
+ | Այդ վայրկյանին նրա կողքին մի բավական մեծ քար դիպավ բաց թողած պարսից և նրա երկու կողը ջարդեց։ Զգալով հարվածը, դոն Կիխոտը վճռեց, որ ինքը սպանված է կամ մահացու վիրավորված։ Սակայն մտաբերելով, որ բալասան ունի, նա բռնեց ամանը, տարավ բերանն ու սկսեց ածել հեղուկը փորը։ Սակայն նա բավական չափով, իր կարծիքով կուլ չէր տվել, երբ երկրորդ քարը վրա հասավ, որ այնքան ճարպիկ էր բաց թողնված, որ դիպչելով նրա ձեռքին, ոչ միայն ջարդեց նրա ամանը, այլ փշրեց նրա երեք֊չորս ատամը, համ էլ ճզմեց երկու մատը։ Եթե առաջին հարվածը վատ չէր, ապա երկրորդը, գետին գլորեց խեղճ ասպետին։ Հովիվները մոտ վազեցին և կարծեցին, թե վերջացրել են նրան։ Հավաքելով իրենց հոտը, նրանք գցեցին ուսերին սպանված ոչխարներին, որ յոթը հատ դուրս եկավ, և առանց երկար խորհելու, արագ֊արագ հեռացան։ | ||
+ | |||
+ | Սանչոն, որ մնացել էր բլուրի վրա և դիտում էր իր տիրոջ խելագարությունը, փետտում էր մազերը և անիծում այն օրն ու ժամը, երբ բախտը միացրեց նրանց։ Տենսելով, որ դոն Կիխոտը պառկած է գետնին և որ հովիվներն արդեն հեռացել են, նա իջավ բլուրից և մոտեցավ դոն Կիխոտին, որը սաստիկ ողբալի վիճակի մեջ էր, թեև ուշագնաց չէր եղել։ | ||
+ | |||
+ | ― Չէ՞ի աշխատում ես, սինյոր դոն Կիխոտ, ― ասաց Սանչոն, ― ձեզ հետ կասեցնել։ Չէ՞ի ասում, թե դա բանակ չէ, այլ ոչխարի հոտ։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե իմ ստոր թշնամին, կախարդը, ինչ փոփոխում և կերպարանափոխություն է սարքում։ Իմացա՛ծ եղիր, Սանչո, որ կախարդների համար ավելի հեշտ բան չկա, քան մեզ ստիպել տեսնելու այն ամենը, ինչ նրանք կամենան։ Այսպես էլ այս անպիտանը, որ հալածում է ինձ, խանդելով իմ փառքին, որ պիտի վայելեի այս ճակատամարտից հետո, թշնամի բանակը ոչխարի հոտ դարձրեց։ Եթե չես հավատում, խնդրեմ, մի բան արա, որ ցրես քո տարակուսանքն ու համոզվես, որ ես ճիշտ եմ ասում։ Նստիր քո էշը և կամաց֊կամաց գնա նրանց հետևից ― և դու կտեսնես, որ մի քիչ հեռանալով, նրանք իրենց նախկին կերպարանքը կընդունեն և ոչխարից կրկին ամենաիսկական մարդիկ կդառնան, այնպես, ինչպես ես նկարագրել եմ նրանց քեզ համար։ Միայն թե իսկույն մի գնա, որովհետև ես հիմա կարոտ եմ քո խնամքին և օգնությանը։ Մոտ եկ և տես՝ քանի՞ ատամ եմ կորցրել։ Ինձ թվում է, թե այլևս ոչ մեկը չի մնացել։ | ||
+ | |||
+ | Սանչոն այնպես կռացավ, ասես մտադիր էր գլխով ներս մտնել նրա բերանը։ Սակայն այդ իսկ պահին բալասանն սկսեց ներգործել դոն Կիխոտի ստամոքսում և այն վայրկյանին, որ Սանչոն սկսեց զննել նրա բերանը, նրա տերը, հրացանի արձակման ուժով սիրտ թափեց, այն ամենը, ինչ որ մեջը կար, կարեկից զինակրի միրուքի վրա։ | ||
+ | |||
+ | ― Ամենասուրբ կույս, ― բացականչեց Սանչոն, ― այս ի՞նչ է կատարվում։ Երևի խեղճը մահացու վերք է ստացել, որ արյուն է թափում։ | ||
+ | |||
+ | Սակայն լավ նայելով, նա իսկույն գույնից, համից ու հոտից հասկացավ, որ դա արյուն չէ, այլ բալասան, որ դոն Կիխոտը նրա աչքերի առջև խմեց թիթեղյա ամանից։ Դրանից Սանչոյի սիրտը այնպես խառնեց, որ նրա ողջ ստամոքսը շուռ եկավ և նա սիրտ թափեց ուղղակի դոն Կիխոտի երեսին։ Նրանք երկուսով էլ փառավորապես զարդարված էին։ Սանչոն վազեց էշի հետևից, որ պայուսակից մի բան հանի, հա՛մ իրեն սրբի, հա՛մ տիրոջ վերքը կապի և հայտնաբերելով պայուսակի անհետանալը, քիչ էր մնացել խելագարվեր։ Կրկին անեծքի տոպրակը բաց անելով՝ նա հաստատ վճռեց իր հոգում թողնել իր տիրոջը և վերադառնալ իր տունը՝ խաչ դնելով աշխատած ռոճիկի և խոստացած կղզու նահանգապետ դառնալու հույսի վրա։ | ||
+ | |||
+ | Նույն միջոցին դոն Կիխոտը բարձրացավ և, ձախ ձեռքը դնելով բերնին, որ ատամները չթափվեն գետին, աջ ձեռքով բռնեց Ռոսինանտի սանձը, որ ամբողջ այդ ժամանակ ոչ մի քայլ չէր հեռացել իր տիրոջից (մինչ ա՜յդ աստիճան հանգիստ ու հավատարիմ անասուն էր) և մի կերպ հասավ այնտեղ, որտեղ կանգնած էր Սանչոն, կուրծքը հենած իր էշին և ձեռքով բռնած իր թուշը, դառը մտածմունքի մեջ։ Տեսնելով նրան այդ դիրքում, որ խորունկ վիշտ էր արտահայտում, դոն Կիխոտն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Իմացած եղիր, Սանչո, ով որ ուզում է ուրիշներից բարձր լինել, նա ուրիշներից շա՛տ էլ պիտի անի։ Մեր գլխին պոռթկած բոլոր այս փոթորիկները վկայում են, որ շուտով երկինքը կբացվի և մեր գործերը լավ կընթանան։ Որովհետև ո՛չ վիշտը, ո՛չ խինդը չափազանց տևական չեն լինում, իսկ դրանից բխում է, որ եթե վիշտը շատ երկար է քաշել, ապա ուրեմն մոտ է խինդը։ Ուստի ինձ հասած և քեզ բնավ չդիպած տառապանքների համար այլևես մի՛ վշտանար։ | ||
+ | |||
+ | ― Ո՜նց թե չդիպած, ― գոռաց Սանչոն։ ― Իսկ նա, որին վերմակի վրա վեր֊վեր էին թռցնում, իմ հոր որդին չէ՞ր։ Իսկ պայուսա՞կը, որ կորել է բոլոր իմ ունեցած֊չունեցածով, որիշի՞նն է, իմը չէ՞։ | ||
+ | |||
+ | ― Պայուսակը կորե՞լ է, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ցավն էլ այն է, որ կորել է, ― պատասխանեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Ասել է թե՝ այսօր մենք ճաշելու պատեհություն չենք ունենալու, ― ասաց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Դե, իհարկե, չէինք ունենա, ― ասաց Սանչոն, ― եթե այս արոտներում բսած չլինեին, ձերդ ողորմածության ասելով, ձեզ լավ ծանոթ խոտերը, որոնք հաջողությամբ կարող են փոխարինել սովորական սնունդը ձերդ ողորմածության պես ձախորդ թափառական ասպետների համար։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, ― ասաց դոն Կիխոտը, ― Դիոսկորիդի նկարագրած և անգամ դոկտոր Լագունայի<ref>Դիոսկորիդ ― հունական բժիշկ, մեր թվականության I դարում, դեղաբույսերին բերաբերող «De materia medica» քննախոսության (լատիներեն) հեղինակ։ Քննախոսությունը մեկնություններով դոկտոր Անդրեսոն դե Լագունան թարգմանել է իսպաներեն։ Թարգմանությունը XVI֊XVII դարերում լույս է տեսել մի քանի հրատարակությամբ։</ref> մեկնություններով հրատարակված բոլոր բույսերից ես կնախընտրեի լավ հացը կամ նույնիսկ հացի կտոր և մի երկու ապխտած սարդինկա հետը։ Սակայն ի՜նչ խոսենք դրա մասին։ Նստի՛ր, բարի Սանչո, քո էշի վրա, ե՛կ իմ հետևից։ Աստված, որ բոլորի մասին հոգ է տանում, չի մոռանա և մեզ քեզ հետ, մանավանդ որ մենք այնքան եռանդուն ծառայում ենք նրան, չէ՞ որ նա սնունդ է տալիս և՛ մոծակներին օդում, և՛ ճիճուներին հողի մեջ, և՛ գորտի շերեփուկին ջրի մեջ, նա, որ այնքան բարի է, որ նրա արևը լույս է տալիս և՛ բարիներին, և՛ չարերին, իսկ անձրևը թրջում է և՛ արդարներին, և՛ մեղավորներին։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությանը, ― ասաց Սանչոն, ― ավելի վայել է քարոզիչ լինել, քան թափառական ասպետ։ | ||
+ | |||
+ | ― Թափառական ասպետները միշտ ամեն բան կարող էին անել և ամեն բան պարտավոր էին իմանալ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Եվ հին ժամանակները նրանց միջև պատահում էին այնպիսիները, որ կարող էին ճառ արտասանել կամ քարոզ կարդալ ռազմական բանակում Փարիզի համալսարանի ամեն դոկտորից ոչ վատ, ― մի բան, որից բխում է, որ երբեք նիզակը չի բթացրել գրիչը, ինչպես գրիչը՝ նիզակը։ | ||
+ | |||
+ | ― Լավ, թող ձեր ասածը լինի, ― ասաց Սանչոն։ ― Իսկ հիմա ճամփա ելնենք և որևէ տեղ գիշերելու տեղ գտնենք։ Եթե Աստված մեզ օգնե՜ր, տեղ գտնելու, որտեղ ո՛չ վերմակ կա, ո՛չ այն վերմակի վարպետները, ո՛չ տեսիլներ, ո՛չ հմայված մավրեր։ Գետինը մտնեմ, եթե նրանց հանդիպելու ցանկություն մնացած լինի մեջս։ | ||
+ | |||
+ | ― Խնդրի՛ր, զավակս, Աստծու օգնությունը, ― ասաց դոն Կիխոտը, ― և տար ինձ ուր որ կամենաս, որովհետև այս անգամ ես պատրաստ եմ քեզ թողնելու գիշերելու տեղի ընտրությունը։ Իսկ հիմա ձեռքդ պարզի՛ր և շոշափի՛ր՝ վերի ծնոտումս քանի՞ ատամ է պակասում աջ կողմից, որովհետև այստեղ ամենից ուժեղ է ցավում։ | ||
+ | |||
+ | Սանչոն ձեռքը կոխեց նրա բերանը և մի լավ շոշափելուց հետո հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունն առաջ քանի՞ ատամ է ունեցել այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Չորս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և բոլորը, բացի իմաստության ատամից, ողջ և առողջ են եղել։ | ||
+ | |||
+ | ― Հո չի՞ սխալվում ձերդ ողորմածությունը, ― հարցրեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Ասում եմ քեզ՝ չորս, եթե ոչ հինգ, ― պատասպանեց դոն Կիխոտը, ― որովհետև կյանքումս դեռ ատամ չեն հանել և ոչ մի ատամս չի փտել կամ վեր չի ընկել մրսածությունից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ հիմա, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― այս կողմում, ներքևում երկու ու կես է մնացել, իսկ վերևից՝ ոչինչ ոչնչից ոչինչ, անգամ կեսն էլ չկա՝ բոլորովին հարթացել է ոնց որ ձեռքի ափ։ | ||
+ | |||
+ | ― Ա՛յ քեզ դժբախտություն, ― ասաց դոն Կիխոտը, լսելով զինակրից այդ տխուր նորությունը։ ― Ավելի լավ էր ձեռքս կտրեին ― միայն թե, իհարկե, ոչ աջը, որպեսզի թուրս բռնելու բան ունենամ։ Որովհետև, իմացած եղիր, Սանչո, բերանը, առանց արմատական ատամների նույնն է, ինչ որ ջրաղացը առանց ջաղացքարերի և որ մարդուս համար յուրաքանչյուր ատամը ադամանդից թանկ է։ Բայց ինչ արած, այդպիսի դժբախտությունների ենք մենք ենթակա, մենք, որ ասպետականության խիստ ուխտ ենք ընդունել։ Նստիր, բարեկամս, էշիդ վրա և ճամփա ընկիր, իսկ ես կհետևեմ քեզ ամենուրեք, ուր որ կամենաս։ | ||
+ | |||
+ | Սանչոն այդպես էլ արեց։ Նա մեծ ճամփով, որ փռված էր ուղիղ նրա առջև, այն կողմը, որտեղ, նրա ենթադրությամբ, կարելի էր գիշերելու օթևան գտնել, առաջ ընկավ։ | ||
+ | |||
+ | Կամաց֊կամաց, զորով֊գեժով գնալով, ― որովհետև դոն Կիխոտի ծնոտների անդադրում ցավերը թույլ չէին տալիս արագացնելու ընթացքը, Սանչոն, որպեսզի իր տիրոջը մի բանով ցրած լինի, որոշեց նրա հետ զրույց սկսել և շատ ուրիշ բաների թվում, նա արտահայտվեց մի բանի մասին, որի մասին մենք կիմանանք հետևյալ գլխից։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XIX== | ||
+ | |||
+ | Սանչո Պանսայի և նրա տիրոջ խելացի խոսակցության և դրան հաջորդած մեռած մարմնի արկածի մասին, ինչպես և այլ նշանավոր անցք ու դեպքերի մասին | ||
+ | |||
+ | |||
+ | ― Թվում է ինձ, սինյոր, բոլոր այս աղետները, որ թափվում են մեզ վրա վերջին ժամանակս ― պատիժ է, որովհետև ձերդ ողորմածությունը խախտել է ասպետական օրենքը և չի կատարել իր երդումը՝ սուփրի վրա հաց չուտել, թագուհու հետ չզվարճանալ և շատ ուրիշ բան, որ դուք խոսք եք տվել չանել, մինչև որ Մալանդրինի սաղավարտը ձեռք չբերեք կամ գուցե այդ մավրին ուրիշ տեսակ են կոչում, էլ չեմ հիշում։ | ||
+ | |||
+ | ― Դու չես սխալվում, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ճիշտն ասած, այդ երդումը բոլորովին դուրս էր թռել գլխիցս։ Այդ քիչ է, կարող ես հավատացած լինել՝ վերմակի վրա քեզ վեր֊վեր թռցնելը հենց այն պատճառով պատահեց քեզ, որ դու ինձ ժամանակին այդ չհիշեցրիր։ Բայց ես կհարթեմ իմ հանցանքը, որովհետև ասպետական կանոններում նախատեսնված են ամեն մեղքի քավության հնարները։ | ||
+ | |||
+ | ― Ես խոմ ոչ մի երդում չեմ կերել, ― բացականչեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Կարևոր չէ՝ երդվել ես, թե չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ա՛յն էլ բավական է, որ իմ կարծիքով քեզ կարելի է մեղսակից համարել։ Ինչ էլ լինի, պետք է փորձել մեր սխալն ուղղել։ | ||
+ | |||
+ | ― Քանի որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ապա աշխատեցեք, ձերդ ողորմածություն, գոնե այդ չմոռանալ, ինչպես մոռացաք ձեր երդումը, թե չէ, ով գիտի, տեսիլները մեկ էլ կցանկանան գլխիս օյին բերել և ձեր ողորմածության գլխին, երբ նրանք տեսնելու լինեն, ձեր համառությունը։ | ||
+ | |||
+ | Այս և սրա նման խոսակցություններ էին անում նրանք և նախքան գիշերելու օթևան գտան ու հասան, ճամփին վրա հասավ գիշերը։ Իսկ ավելի վատն այն էր, որ նրանց սկսել էր կեղեքել քաղցը, որովհետև պայուսակի հետ նրանք կորցրել էին իրենց ուտելու պաշարը։ Եվ, այստեղ, ի լրումն ամենի, նրանց պատահեց ամենաիսկական, բնավ ոչ մտացածին արկած։ Թեև գիշերը բավական մութն էր, նրանք առաջ էին շարժվում, որովհետև Սանչոն վճռել էր, որ քանի որ սա բանուկ ճանպարհ է, նրանք մեկ֊երկու մղոնից պետք է որ իջևանի հանդիպեն։ Եվ ահա, այն միջոցին, երբ նրանք երկուսով ― սոված զինակիրը և նրա տերը, որ նմանապես հակառակ չէր մի բան ուտելու ― այսպես թափառում էին միասին մթության մեջ, հանկարծ ճամփին նրանք տեսան բազմաթիվ կրակներ, որ շարժվում էին ընդառաջ և նման էին մոլորված աստղերի։ Նրանց տեսնելուց Սանչոն սարսափահար եղավ, ասենք՝ դոն Կիխոտի տրամադրությունն էլ փչացավ։ Մեկը քաշեց էշի սանձը, մյուսը՝ ձիու և երկուսն էլ կանգ առան, ուշի֊ուշով մտիկ տալով, թե դա ինչ կարող է լինել։ Նրանք նկատեցին, որ կրակներն իրենց կողմն են շարժվում և քանի մոտենում, այնքան մեծանում են։ Այդ տեսնելով Սանչոն դողաց, ինչպես սնդիկից թունավորված մարդ, ասենք դոն Կիխոտի մազերն էլ բիզ֊բիզ կանգնեցին։ Մեր ասպետը մի փոքր հուզված ասաց․ | ||
+ | |||
+ | ― Անտարակույս, Սանչո, սա մեր մեծագույն և վտանգավոր արկածներից մեկն է, որի միջոցին ես պետք է հայտնաբերեմ իմ ողջ ուժն ու արիությունը։ | ||
+ | |||
+ | ― Կորա՜, ― բացականչեց Սանչոն։ ― Եթե սրանք էլ տեսիլներ են, ― իսկ նման է, որ այդպես է, ― որտեղի՞ց կողեր գտնեմ, որ նոր քոթակին դիմանամ։ | ||
+ | |||
+ | ― Եթե անգամ ամենաիսկական տեսիլներ էլ լինեն, ― հայտարարեց դոն Կիխոտը, ― ես նրանց թույլ չեմ տա, որ քո շորի մեկ թելին ձեռք տան։ Եթե անցյալ անգամ նրանք քեզ քալագի մեջ գցեցին, ապա միմիայն այն պատճառով, որ ես չկարողացա ցանկապատից բակն անցնել։ Բայց հիմա մենք բաց դաշտում ենք, և այստեղ տեղ կա թուր քաշելու։ | ||
+ | |||
+ | ― Իսկ եթե նրանք դարձյալ ձեզ հմայե՞ն ու մեխե՞ն ձեր տեղում, ինչպես այն անգամ, ― ասաց Սանչոն, ― ի՞նչ օգուտ, որ բաց դաշտում ենք։ | ||
+ | |||
+ | ― Համենայն դեպս, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― խնդրում եմ, մի՛ վհատիր։ Դու հիմա գործով կտեսնես, թե ինչ արիության տեր եմ ես։ | ||
+ | |||
+ | ― Կաշխատեմ Աստծու օգնությամբ քաջանալ, ― պատասխանեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | Ճանապարհից մի քիչ ծռելով, նրանք նորից սկսեցին պրպտող հայացքով զննել, փորձելով ջոկել, թե ինչ կրակներ են նրանց վրա շարժվում և շուտով նշմարեցին լայնարձակ վերարկուներ հագին բազմաթիվ կերպարանքներ։ Այս ահավոր տեսարանը Սանչոյին հալից գցեց, նրա ատամները զարկվում էին իրար, ասես տենդի մեջ լիներ։ Բայց նրա դողը ավելի սաստկացավ և ատամներն ավելի ուժեղ սկսեցին զարկվել, երբ որ նրանք ամեն ինչ տեսան։ Նրանց հայացքի առջև ներկայացան մոտ քսան ձիավոր՝ ճերմակ, լայնարձակ վերարկուներով, որ գալիս էին, վառ ջահերը ձեռներին, հուղարկավորական սայլի առջևից, որի հետևից ևս վեց նման ձիավոր էր հետևում, որոնք մինչև իրենց ջորիների սմբակները սուգ էին կապել։ Որ դրանք ջորիներ էին, այլ ոչ թե ձիեր, իսկույն երևում էր նրանց հանգիստ քայլվածքից։<ref>Առջևից գնում էին սպիտակազգեստ հոգևորականները, իսկ հետևից՝ հանգուցյալի ազգականներն ու բարեկամները, որոնք սև էին հագել։</ref> Լայնարձակ վերարկուներով ձիավորները դանդաղ շարժվում էին առաջ, քթի տակ ինչ֊որ մրթմրթալով կամացուկ ու լալագին ձայնով։ Այսպիսի արտասովոր մի տեսարան, այսքան ուշ ժամին և այսպիսի մի ամայի վայրում, կարող էր խռովեցնել ում ասես, ոչ միայն Սանչոյին։ Ավա՜ղ, ինչո՞ւ նույնը չպատահեց դոն Կիխոտին։ Այն իսկ պահին, երբ Սանչոն վերջնականապես ընկել էր հոգով, բոլորովին հակառակը կատարվեց նրա տիրոջ մեջ, որի երևակայությանը կենդանագրվեց մեկն այն արկածներից, որ նկարագրված են նրա վեպերում։ | ||
+ | |||
+ | Նրան թվաց, թե հուղարկավորական սայլը սգի կառք է, որի վրա տանում են ինչ֊որ մեռած կամ ծանր վիրավորված մի ասպետ և որ հենց ինքը՝ դոն Կիխոտը, պետք է որ նրա վրեժը լուծի։ Ուստի, առանց երկար խորհելու, նա ճոճեց իր նիզակը, ամրացավ թամբի վրա և, վեհ կերպարանք ընդունելով, ղոչաղ տեսքով դուրս եկավ ճամփի մեջտեղը, որտեղից պիտի անցնեին լայնարձակ վերարկուներով ձիավորները։ Եվ երբ որ նրանք բոլորովին մոտեցել էին, նա բարձրաձայն գոչեց․ | ||
+ | |||
+ | ― Կանգ առեք, ասպետներ, կամ ով էլ լինեք, և իսկույն ասացեք ինձ, թե ովքե՞ր եք դուք, ո՞ւր եք գնում, ո՞ւսկից եք գալիս և ո՞ւմ եք տանում սայլի վրա։ Որովհետև ըստ ամենայնի երևում է, որ դուք ինչ֊որ ոճրագործության մեղապարտներն եք կամ զոհերը։ Ուստի ես պետք է իմանամ, թե բանն ինչ է, որպեսզի կամ պատժեմ ձեզ ձեր արածի համար, կամ վրեժ լուծեմ ձեզ հասցրած վիրավորանքի համար։ | ||
+ | |||
+ | ― Մենք շտապում ենք, ― ասաց լայնարձակ վերարկու հագածներից մեկը, ― իսկ մինչև իջևանը դեռ հեռու է։ Ուստի մենք ժամանակ չունենք քեզ երկար ու բարակ բացատրություններ տալու։ | ||
+ | |||
+ | Եվ, խթանելով ջորուն, նա կամեցավ կողքից անցնի։ Դոն Կիխոտը, այդպիսի պատասխանից սաստիկ վիրավորված, բռնեց ջորու սանձը ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Կանգ առեք, համբակներ, և պատասխանեցեք իմ հարցերին։ Հակառակ դեպքում ես ձեզ բոլորիդ մարտի եմ կանչում։ | ||
+ | |||
+ | Ջորին վախկոտ էր, և երբ որ նրա սանձը բռնեցին, նա այնպես խրտնեց, որ հետի ոտների վրա կանգնեց և վրան նստածին գետին գցեց։ Կողքից գնացող ծառան, տեսնելով, որ տերը վայր ընկավ, սկսեց հայհոյել դոն Կիխոտին։ Այն ժամանակ առանց այն էլ կատաղած դոն Կիխոտը իսկույն նշան բռնեց նիզակով և վրա տվեց սև հագած մարդկանցից մեկի վրա, որ սաստիկ ջարդ կրելով գետին գլորվեց։ Ապա դոն Կիխոտը հարձակվեց մյուսների վրա և պետք էր տեսնել, թե ինչ արագությամբ էր նրանց հախիցը գալիս։ Թվում էր, թե Ռոսինանտը թև էր առել ― այնպես թեթև և հպարտ սուրում էր ետ ու առաջ։ Լայնարձակ վերարկուներով ձիավորները բոլորն էլ երկչոտ և անզեն մարդիկ էին, ուստի և մի ակնթարթում, առանց պայքարի, նրանք թողին ճամփան և փախան դաշտի զանազան կողմերը՝ վառ ջահերը ձեռներին։ Նրանք նման էին ուրիշի շորեր հագած մարդկանց դիմակահանդեսում, որոնք զվարճանում են բարեկենդանի գիշերներին։ Իսկ սևազդեցիկների ոտները փաթաթվել էր իրենց լայնարձակ վերարկուների փեշերին, ուստի նրանք չէին կարող արագ շարժվել, մի բան, որ դոն Կիխոտին թույլ տվեց առանց առանձին դժվարության փառավոր ջարդ ու բուրդ անել նրանց բոլորին և ստիպել, որ կամա֊ակամա կռվի դաշտը իրեն զիջեն։ Եվ իսկ որ նրանց թվում էր, թե դա մարդ չէ, այլ սատանա, որ հանդես է եկել դժոխքից, որպեսզի սայլի վրա դրած դին գողանա։ | ||
+ | |||
+ | Նայելով այս ամենին, Սանչոն միայն զարմանում էր իր տիրոջ խիզախությունից և խորհում՝ «երևի թե իրոք իր տերն այնպես խիզախ ու զորեղ է, ինչպես որ ասում էր»։ Ջորուց վայր ընկածի մոտ, գետնին, մի վառ ջահ կար, որի լույսից դոն Կիխոտը նկատեց պառկածին։ Մոտենալով նրան, նա իր նիզակի սուր ծայրը դրեց նրա դեմքին և հրամայեց, որ անձնատուր լինի՝ սպառնալով, որ կսպանի նրան։ Սա պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ես ավելի քան անձնատուր եմ եղել, որովհետև ջարդել եմ ոտս և չեմ կարող տեղիցս շարժվել։ Աղաչում եմ, ձերդ ողորմածություն, եթե դուք բարի քրիստոնյա եք, ինձ մի՛ք սպանի, որովհետև ես լիցենտիատ եմ և արդեն իսկ հոգևոր կոչում եմ ընդունել։ | ||
+ | |||
+ | ― Բայց ի՞նչ սատանա ստիպեց ձեզ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― հոգևոր անձիդ, խառնվել այս պատմության մեջ։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ խառնեց ինձ նրա մեջ, ― հարցրեց տապալվածը, ― իմ չար բախտը։ | ||
+ | |||
+ | ― Ավելի վատթար կլինի ձեր բախտը, ― ասաց դոն Կիխոտը, ― եթե դուք կարգին չպատասխանեք այն հարցին, որ ես սկզբից ևեթ տվի։ | ||
+ | |||
+ | ― Սիրով կբավարարեմ ձերդ ողորմածությանը, ― պատասխանեց լիցենցիատը։ ― Ուրեմն, թույլ տվեք զեկուցեմ ձերդ ողորմածությանը, որ թեև ես հիմա ինքս ինձ լիցենցիատ անվանեցի, ես իրոք ընդամենը բակալավր եմ Ալանսո Լոպես անունով, ծնված Ալկոբենդասում։ Ես գալիս էի Բաես քաղաքից, այն տասնմեկ քահանաների հետ, որ ջահերը ձեռին փախան և մենք ուղևորվեցինք Սեդովիա, ուղեկցելով այս սայլի վրայի մարմինը մի ազնվականի, որ մեռել էր Բաեսում։ Նա սկզբից այնտեղ թաղված է եղել, իսկ հիմա մենք նրա աճյունը փոխադրում ենք նրա տոհմական դամբարանը, Սեդովիա, որտեղ նա ծնվել է։ | ||
+ | |||
+ | ― Ո՞վ է նրան սպանել, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Աստված, փտած ջերմախտի օգնությամբ, որ նրան գերեզման տարավ։ | ||
+ | |||
+ | ― Եթե այդպես է, ― ասաց դոն Կիխոտը, ― ապա Աստված ինձ ազատել է այդ մարդու վրեժը լուծելուց, որովհետև նրա մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ։ Քանի որ նա մեռել է, մնում է ինձ, նրան մահ ուղարկողի կամքով, ձեռքերս խփեմ ծնկներիս, ինչպես եթե այդ ինձ պատահեր։ Պետք է ասեմ, ձերդ արժանապատվություն, որ ես լամանչեցի ասպետ եմ, դոն Կիխոտ անունով, իմ զբաղմունքն ու կոչումն է՝ թափառել աշխարհովս մեկ՝ արկածի հետևից ընկած, ամենուրեք արդար դատաստան անելով և պատժելով չարագործությունը։ | ||
+ | |||
+ | ― Էլ չգիտեմ, ― ասաց բակալավրը, ― ինչպես եք արդար դատաստան կտրում, միայն թե իմ ոտը դուք այնպես շտկեցիք, որ մինչև իմ կյանքի վերջը տեղը չի ընկնի և ձեր բարի գործը ես երբեք չեմ մոռանա։ Այս արկածը իսկ որ ինձ համար չարաբաստիկ եղավ։ | ||
+ | |||
+ | ― Միշտ էլ մեր ուզածի պես դուրս չի գալիս, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ցավն այն է, սինյոր բակալավր, որ ձեր խելքին փչել է մեծ ճամփա ելնել գիշերը, ինչ֊որ փարաջաներով, վառ ջահերով, սգազդեցիկ, անհասկանալի մրթմրթոցով, ասես այն աշխարհից ելածներ լինեք։ Բնական է, որ ես չէի կարող չհարձակվել ձեզ վրա, իմ պարտականությունը կատարած լինելու համար։ Ես այդ կանեի, անգամ եթե դուրս գար, որ դուք ուղղակի սատանի հրոսակներ եք, ինչպես մինչև վերջին վայրկյանը դուք ինձ ներկայանում էիք։ | ||
+ | |||
+ | ― Երևի ճակատագիրս է եղել այդ, ― ասաց բակալավրը։ ― Սակայն, սինյոր թափառական ասպետ, քանի որ դուք ինձ այդպիսի դժբախտություն եք պատճառել, գոնե հիմա, խնդրում եմ, օգնեցեք, որ ջորու տակից դուրս գամ, որովհետև ասպանդակի մեջ մնացած ոտս ճզմել է փալանով։ | ||
+ | |||
+ | ― Ա՜յ խենթ, ― գոչեց դոն Կիխոտը, ― ինչո՞ւ ապա առաջ դուք ինձ այդ չասացիք։ | ||
+ | |||
+ | Նա իսկույն կանչեց Սանչոյին։ Սակայն սա ստիպեց իրեն երկար սպասել, զբաղված լինելով մի ջորու բեռ քակելով, որ ամեն տեսակ ուտելիքներով շատ բեռնված լինելով, այս բարի մարդկանց հետևից էր գալիս։ Իր վերարկուն պարկ դարձնելով և մեջը դնելով այնքան բարիք, ինչքան կարողացավ վերցնել և մեջը տեղավորել, Սանչոն այդ ամենը գցեց էշի բեռը և միայն դրանից հետո եկավ իր տիրոջ կանչի վրա։ Նա օգնեց նրան սինյոր բակալավրին ջորու տակից հանելու և ապա, խեղճին փալանի վրա նստացնելով, ձեռքը տվեց ջահը, ապա թե դոն Կիխոտը նրան առաջարկեց, որ գնա հասնի իր ուղեկիցներին և հայտնի նրանց, որ ինքը ներողություն է խնդրում հասցրած ակամա վիրավորանքների համար, որ նա հարկադրված էր հասցնելու։ Իսկ Սանչոն դրան ավելացրեց․ | ||
+ | |||
+ | ― Եթե այդ սինյորները ցանկանալու լինեն իմանալ, թե ով է այն քաջարին, որ այնքան ճարպիկ նրանց հախիցը եկավ, ― ասացեք նրանց, ձերդ ողորմածություն, որ հռչակավոր դոն Կիխոտն է, Տխուր Պատկերի Ասպետ կոչեցյալը։ | ||
+ | |||
+ | Երբ որ բակալավրը շարժվեց, դոն Կիխոտը հարցրեց Սանոյից, թե ինչո՞ւ նրա խելքին հանկարծ փչեց իրեն Տխուր Պատկերի Ասպետ անվանել։ | ||
+ | |||
+ | ― Իսկույն բացատրեմ ձեզ, ― պատասխանեց Սանչոն։ ― Ջահի լույսի տակ մի վայրկյան ձեզ տեսա թե չէ, այն ջահի, որ այն դժբախտը հիմա տանում է, իսկույն ինձ թվաց, որ ձեր տեսքը, ճիշտն ասած, այնքան թշվառ է, որքան առաջ երբեք ես չէի տեսել։ Երևի դա նրանից է, որ ձեզ սաստիկ հոգնեցրեց ճակատամարտը, գուցե և ատամների կորստից։ | ||
+ | |||
+ | ― Պատճառը բնավ այդ չէ, ― ասաց դոն Կիխոտը, ― այլ ամենից շուտ այն, որ այն իմաստությունը, որին վիճակված է գրելու իմ սխրագործությունների պատմությունը, երևի, հարմար է դատել, որ ես ինձ համար որևէ մականուն ընտրեմ, ինչպես անցած ժամանակների բոլոր ասպետները՝ մեկը կոչվելիս է եղել Բոցավառ Թրի Ասպետ, մյուսը՝ Միապոզ, սա՝ Կույսերի ասպետ, նա՝ Ֆյունիի կամ Թևավոր Արծվի կամ թե չէ Մահվան Ասպետ, և այդ անուններով նրանք հայտնի դարձան երկրագնդի վրա։ Այ, ես կարծում եմ, որ այդ իմաստունն է ներշնչել քեզ ինձ Տխուր Պատկերի Ասպետ կոչել։ Այսուհետև ես ընդունում եմ այդ անունը և, որպեսզի ընդմիշտ մնա, առաջին իսկ հնարավորության դեպքում կհրամայեմ, որ վահանիս վրա մի վշտալից դեմք նկարեն։ | ||
+ | |||
+ | ― Կարիք չկա դրա վրա ժամանակ ու փող ծախսելու, ― ասաց Սանչոն։ ― Բավական է, որ դուք բաց անեք ձեր երեսը և ցույց տաք բոլոր ցանկացողներին, և ամեն մեկը, առանց վահանի վրա որևէ նկարի, իսկույն ևեթ ձեզ Տխուր Պատկերի Ասպետ կկոչի, կարող եք վստահ լինել։ Հավատացնում եմ ձեզ, սինյոր, ― առակն անխոտելի է, ― քաղցն ու ջարդված ատամները այնպես են պճնել ձեր դեմքը, որ կրկնում եմ, դուք կարող եք միանգամայն առանց վշտատեսիլ նկարի յոլա գնալ։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը ժպտաց Սանչոյի այս սիրալիրության վրա, այնուամենայնիվ, վճռեց ընդունել նոր մականունն ու զարդարել տալ իր վահանը մտածած պատկերով։ | ||
+ | |||
+ | ― Թվում է ինձ, Սանչո, ― նկատեց դոն Կիխոտը, ― որ ես ենթակա եմ բանադրանքի նրա համար, որ քահանայի վրա ձեռք բարձրացրի՝ juxta illud: Su guis suadenie diabolo etc.,<ref>«Բացի դրանից՝ եթե մեկը սատանայի սադրանքով և այլն»՝ Տրիդենտյան եկեղեցական ժողովի որոշումներից մեկի տեքստն է։</ref> թեև, ճիշտն ասած, ես նրա վրա ոչ թե ձեռքս, այլ այս նիզակը բարձրացրի։ Եվ բացի այդ, ես կարծում էի, որ հարձակվում եմ ոչ թե քահանաների և հոգևորականների վրա, որոնց ես սաստիկ պատվում ու հարգում եմ, որպես բարի կաթոլիկ, այլ ինչ֊որ հրեշների վրա, ա՛յն աշխարհից ելածների վրա։ Սակայն եթե իսկապես այդպես էլ լիներ, ապա ես շատ լավ հիշում եմ Սիդ Ռուի Դիասի դեպքը, երբ որ նա ջարդեց նորին սրբազանության պապի ներկայությամբ մի թագավորական դեսպանի աթոռը։ Պապը դրա համար բանադրեց նրան։ Այնուհանդերձ, փառապանծ Ռոդրիգո դե Վիլվարն այն օրը վարվեց որպես արժամավոր և ազնիվ ասպետ։ | ||
+ | |||
+ | Լսելով այդ բակալավրը հեռացավ,<ref>Այստեղ Սերվանտեսը ինչ֊որ անհարթություն է երևան բերում, բակալավրն արդեն մեկնել էր նախքան դոն Կիխոտի և Սանչոյի վերջին բառարկությունը։</ref> ինչպես մենք արդեն ասացինք, առանց մի խոսք ասելու, իսկ դոն Կիխոտը կամեցավ ստուգել, իրա՞վ, որ սայլի վրա մարդկային մարմին է դրած։ Սանչոն, սակայն, նրան հետ կասեցրեց։ | ||
+ | |||
+ | ― Սինյոր, ― ասաց նա, ― այս վտանգավոր արկածը ձերդ ողորմածության համար ավելի երջանիկ վախճան ունեցավ, քան բոլոր նախընթացները։ Բայց ձեր հաղթած և փախուստի ենթարկված մարդիկ կարող են թերևս, գլխի ընկնել, որ նրանց ընդամենը մի հատիկ մարդ է հաղթել։ Եվ հիմա, ամոթահար ու չար, նրանք դեռ ընդունակ կլինեն, գուցե վերադառնալու ու ձեր բուրդը գզելու։ Իմ էշը կանոնավոր վիճակում է, լեռները մոտ են, քաղցն իրեն զգալ է տալիս, ― ավելի լավ չէ՞ միթե արագ֊արագ հեռանանք այստեղից։ Մեռածին, ինչպես ասվում է, գերեզման, իսկ ապրողին՝ հաց։ | ||
+ | |||
+ | Եվ բռնելով էշի սանձը՝ նա առաջարկեց իր տիրոջը հետևել իրեն և վերջինս, գիտակցելով, որ Սանչոն արդարացի է, ճամփա ընկավ առանց որևէ առարկության։ Երկու բլուր անցնելուց հետո, նրանք շուտով դուրս եկան մի ընդարձակ, ամեն կողմից փակ դաշտ, որտեղ երկուսով էլ իջան։ Սանչոն վերցրեց իր էշի բեռը, ապա թե, մեկնվելով կանաչ խոտի վրա, ասպետն ու զինակիրը՝ ի հաստատումն կանոնի, որ լավագույն խոհարարը քաղցն է, իսկույն նախաճաշեցին, ճաշեցին, ընթրեցին, լցնելով իրենց ստամոքսը բազմաթիվ սառը խորտիկներով, որ եկեղեցական սինյորները (հազվադեպ իրենց մասին մոռացող) տանում էին իրենց հետևից, ջորու վրա։ Սակայն այստեղ նոր դժբախտություն հանդես եկավ, վատթարագույնը Սանչոյի համար, այսինքն՝ նրանք ոչ միայն գինի, այլ անգամ ջուր չունեին, որ կոկորդները թրջեն։ Այստեղ ծարավից պապակվող Սանչոն, նկատելով, որ դաշտը ծածկված է կարճ, թարմ խոտով, ասաց, ― իսկ թե ինչ, մենք կիմանանք հետևյալ գլխից։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XX== | ||
+ | |||
+ | Չտեսնված և չլսված սխրագործության մասին, որ և ոչ մեկ հռչակավոր ասպետ աշխարհիս երեսին դեռ չի կատարել նվազ վտանգով, իրեն համար, քան կատարեց արի դոն Կիխոտ Լամանչեցին | ||
+ | |||
+ | |||
+ | ― Պարզ բան է, սինյոր, այս խոտը վկայում է, որ ոչ հեռու պետք է աղբյուր կամ վտակ լինի, որ ոռոգում է իր ջրով։ Ուստի մի քիչ հեռու անցնենք և մենք, անշուշտ, բախտ կունենանք հագեցնելու այս սարսափելի ծարավը, որ, ճիշտն ասած, ամեն բանից խիստ է տանջում։ | ||
+ | |||
+ | Խորհուրդը դոն Կիխոտին դուր եկավ։ Նա բռնեց Ռոսինանտի սանձը, Սանչոն բռնեց էշի սանձը, նախապես բեռնելով նրա վրա ընթրիքի բոլոր մնացորդները և նրանք գնացին դաշտով կույրզկուրայն, որովհետև գիշերվա մութը խանգարում էր նրանց որևէ բան տեսնել։ Սակայն հազիվ էին նրանք երկու հարյուր քայլ անցել, որ նրանց ականջին հասավ վտակի աղմուկը, որ թափվում էր, կարծես թե, ահագին ու բարձր ժայռից։ Այդ աղմուկը նրանց սաստիկ ուրախացրեց։ Նրաք կանգ առան, որ ականջ դնեն, թե որտեղից է գալիս, բայց այստեղ նրանք լսեցին նոր դրմբոց, որը խանգարեց նրանց բավականությունը, մանավանդ Սանչոյինը, որ բնականից երկչոտ ու փոքրոգի էր։ Իրավ, նրանք ինչ֊որ հավասար հարվածներ լսեցին և կարծես թե եկաթի և շղթայի զնգզնգոց։ Այդ հնչյունները, միախառնվելով վտակի կատաղի դղրդյունին, ընդունակ էին ահ սաստել ամեն մեկի սրտին, բայց ոչ դոն Կիխոտի։ Ինչպես մենք արդեն ասացինք, գիշերը մութն էր, իսկ նրանք պատահաբար ծառերի տակով էին գնում, որոնց տերևները, օրորվելով քնքուշ քամուց, սոսափում էին կամացուկ ու ահասաստ։ Այդ ամենը միասին ― կտրված վայր, խավար, ջրի շառաչ, տերևների սոսափյուն ― ակամա ահ էին ներշնչում։ Սակայն նրանց սարսափն ավելի սաստկացավ, երբ որ նրանք համոզվեցին, որ հարվածները չեն դադարում, քամին չի թուլանում և լույսը դեռ չի բացվում։ Համ էլ նրանք չգիտեին, թե որտեղ են։ Բայց դոն Կիխոտը, մղված իր աննկուն խիզախությամբ, թռավ Ռոստինանտի վրա, բռնեց վահանը, ճոճեց նիզակը և ասաց Սանչոյին․ | ||
+ | |||
+ | ― Սանչո, բարեկամ, դու պետք է իմացած լինես, որ երկինքը հաճել է ինձ այս երկաթե դարում աշխարհ բերելու, որ ես ոսկե դարին, կամ թե ինչպես ոմանք արտահայտվում են, ոսկեջրած դարին հարություն տամ։ Ես այն մարդն եմ, որին վիճակված են վտանգներ, մեծամեծ գործեր և խիզախ սխրագործություններ։ Կրկնում եմ, ես այն մարդն եմ, որը պետք է հարություն տա Կլոր Սեղանի ասպետներին, Ֆրանսիայի տասներկու պերերին, Փառքի ինը այրերին, ինքն իրմով նսեմացնելով բոլոր Պլատիրներին, Տաբլանտներին, Օլիվանտներին, Տիրանտներին, Ֆեբերին և Բելյանիսներին և անցած ժամանակների հռչակավոր թափառական ասպետների գնդերին, որովհետև ես իմ կյանքում այնքան մեծ և զարմանալի մարտական սխրագործություն կկատարեմ, որ նրանց առջև կնսեմանան նրանց ամենափառավոր գործերը։ Նկատի՛ առ, իմ հավատարիմ և անձնվեր զինակիր, թե ի՜նչ մթամած է գիշերը, ի՜նչ անօրինակ է լռությունը, ի՜նչ խուլ ու անըմբռնելի են թոթովում տերևները, ի՜նչ ահասաստ է շաչում վտակը, որին որոնելու ելանք մենք և որը կասես թափվում ու գահավիժում է բարձրաբերձ Լուսի լեռներից։<ref>Ըստ Պտղոմեոսի, Լուսնի լեռները գտնվում են եթովպացիների երկրում, այդ լեռներից են սկիզբ առնում Նեղոսի փոթորկալի ակունքները։</ref> Ինչպե՜ս են խոցում ու խոշտանգում մեր լսողությունը այս անդադրում հարվածները։ Բոլոր այս երևույթները միասին վերցրած և յուրաքանչյուրը՝ առանձին, կարող են երկյուղ, ահ ու սարսափ ազդել իրեն իսկ Մարսի սրտին, առավել ևս նրանց, ովքեր սովոր չեն նման հանդիպումներին և արկածներին։ Սակայն, բոլոր այս իմ նկարագրած սարսափները արթնացնում ու բորբոքում են իմ արիությունը, և իմ սիրտը պատրաստ է դուրս թռչելու կրծքիցս ― այնքա՜ն ծարավի եմ նետվելու այս արկածի մեջ, որքան էլ նա դժվարին ներկայանա։ Ուստի մի քիչ ամրացրու Ռոսինանտի փորկապը և թող Աստված պահի քեզ։ Սպասի՛ր ինձ այստեղ երեք օր, ոչ ավել, և եթե այդ ժամկետում ես չվերադառնամ, դու կարող ես վերադառնալ գյուղ, իսկ անտեղից, իմ խաթեր համար, գնա Տոբոսո և հայտնիր իմ աննման տիրուհի Դուլսինեային, որ նրա գերի֊ասպետը կործանվեց, կամենալով սխրագործություն կատարել, որ իրեն արժանի դարձներ կոչվելու նրա ծառան։ | ||
+ | |||
+ | Լսելով իր տիրոջ այս խոսքերը՝ Սանչոն այնպես զգացվեց, որ սկսեց լաց լինել և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում, սինյոր, թե ձեր խելքին ինչո՞ւ է փչել այս սարսափելի արկածի մեջ ընկնելը։ Հիմա գիշեր է, մեզ այստեղ ոչ ոք չի տեսնում և մենք շատ լավ կարող ենք մի կողմ ծռել և խուսափել վտանգից, անգամ եթե երեք օր էլ խմելու բան չունենանք։ Եվ քանի որ ոչ ոք այդ չի տեսնում, ոչ ոք մեզ վախկոտ չի համարի, մանավանդ որ մեր գյուղական քահանան, որին ձերդ ողորմածությունը շատ լավ ճանաչում է, քանիցս, հիշում եմ, իր քարոզներում ասում էր՝ ով որ խցկվում է վտանգի մեջ, նա վտանգի՛ց էլ կմեռնի։ Ուստի պետք չէ փորձել Աստծուն, նետվելով անխոհեմ ձեռնարկությունների մեջ, որտեղից հրաշքով միայն կարելի է սաղ դուրս պրծնել։ Բավական է, որ երկինքը ձերդ ողորմածությանը փրկեց վերմակի վրա վեր֊վեր թռցնելուց, որին ես ենթարկվեցի և թույլ տվեց, որ հաղթական, ողջ և առողջ դուրս գաք ննջեցյալին ուղեկցող թշնամիների խմբից։ Եթե այս ամենը չի շարժում ու մեղմացնում ձեր խիստ սիրտը, ապա թող շարժի ահա թե ինչը՝ իմացած եղեք և հավատացած, որ հազիվ ինձ դուք այստեղ թողնեք, ապա ես ահից հոգիս կտամ հենց առաջին իսկ մարդուն, ով որ խնդրի։ Ես թողել եմ ծննդավայրս, կնոջս ու երեխաներիս, որպեսզի ծառայեմ ձերդ ողորմածությանը, հուսալով, որ այդ գործում ես չեմ կորցնի, այլ կշահեմ։ Բայց, ինչպես ասվում է, ագահությունը պատռում է պարկը։ Ագահությունը կործանեց բոլոր իմ հույսերը այն իսկ վայրկյանին, երբ ես առանձնապես հույս ունեի ստանալու անիծյալ, չարաբաստիկ կղզին, որ ձերդ ողորմածությունը քանիցս ինձ խոստացել է, իսկ դուք, դրա փոխարեն, ուզում եք ինձ լքել մարդկային բնակավայրից այսքան հեռավոր մի տեղում։ Աստծու սիրուն, տեր իմ, ինձ այդպիսի ցավ միք հասցնի։ Եվ եթե ձերդ ողորմածությունը համաձայն չէ բոլորովին հրաժարվելու այդ ձեռնարկությունից, ապա հետաձգեցեք գոնե մինչև առավոտ։ Ախր, եթե միայն գիտությունը, որ ես ուսումնասիրել եմ հովիվ եղածս ժամանակ, ինձ չի խաբում, ապա մինչև լուսաբաց մնացել է ոչ ավել, քան երեք ժամ, որովհետև Փոքր Արջի բերանը շիտակ մեր գլխի վերև է, իսկ նրա ձախ թաթի գծից երևում է, որ հիմա կեսգիշեր է։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս կարող ես դու, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը, ― տեսնել, թե որտեղից է անցկենում այդ գիծը և որտեղ է բերանը կամ ծոծրակը, որոնց մասին դու դատում ես։ Չէ՞ որ գիշերն այնքան խավար է, որ երկնքում ոչ մի աստղ չի երևում։ | ||
+ | |||
+ | ― Այդ մեկը ճիշտ է, ― պատասխանեց Սանչոն, ― բայց երկյուղը շատ աչք ունի և տեսնում է այն, ինչ հողի տակ է և առավել ևս այն, ինչ երկնքի վրա է։ Ասենք, առողջ դատելով, առանց այն էլ պարզ է, որ լուսաբացը հեռու չէ։ | ||
+ | |||
+ | ― Լույսը թող բացվի, երբ որ քեֆը տա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն թե իմ մասին ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում ոչ ոք չասի, թե մեկն ու մեկի արցունքն ու աղերսանքը ինձ հետ պահեցին իմ ասպետական պարտքը կատարելուց։ Ուստի խնդրում եմ քեզնից, Սանչո, լռի՛ր։ Տերը, որ դրել է իմ սրտում այս չտեսնված և ահավոր արկածի մեջ ընկնելու ցանկությունը, կհոգա իմ ողջության մասին և կմխիթարի քո վիշտը։ Քեզնից միայն պահանջվում է, որ դու Ռոսինանտի փորկապը քաշես և ինձ այստեղ սպասես։ Իսկ ես շուտով կվերադառնամ ― կենդանի թե մեռած։ | ||
+ | |||
+ | Տեսնելով, որ տիրոջ վճիռն անդրդվելի է, և որ իր բոլոր արցունքները, խորհուրդներն ու աղերսանքն անզոր են, Սանչոն որոշեց խորամանկություն բանեցնել և աշխատել նրան մի կերպ ուշացնել մինչև առավոտ։ Ուստի Ռոսինանտի փորկապերը պնդացնելուց նա ճարպիկ ու աննկատ կերպով էշի սանձով կապեց նրա հետի ոտները, այնպես որ երբ դոն Կիխոտը հեծավ ձին, չկարողացավ տեղից շարժվել։ Համոզվելով, որ իր հնարագիտությունը գլուխ եկավ, Սանչո Պանսան ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դե, տեսնո՞ւմ եք, սինյոր, երկինքը իմ արցունքներն ու աղերսանքները տեսնելով, ինձ խղճաց և այնպես արեց, որ Ռոսինանտը չի կարողանում շարժվել։ Եթե դուք համառեք, խթանեք ու խփեք նրան, դրանով դուք բախտին մարտի կոչ արած կլինեք և, ինչպես ասում են, սմբակով քացի կտաք մեխին։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը հուսակտուր էր լինում՝ ինչքան շատ էր խթանում ձիուն, այնքան քիչ էր հաջողվում նրան տեղից շարժել։ Գլխի չընկնելով, որ Ռոսինանտի ոտները կարող են կապած լինել, նա որոշեց հաշտվել և սպասել կամ լուսաբացին, կամ այն վայրկյանին, երբ իր ձին ճամփա ընկնի։ Հաստատ համոզված լինելով, որ այս անհաջողությունն առաջ է եկել ուրիշ պատճառով և ոչ երբեք Սանչոյի խորամանկությունից, նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Էհ, ի՜նչ արած, Սանչո։ Քանի որ Ռոսինանտը չի կարող շարժվել, հարկադրված եմ սպասել, մինչև որ երկնքում խնդա արշալույսը, թեև ես ողբում եմ նրա գալստյան դանդաղկոտությունը։ | ||
+ | |||
+ | ― Ողբալու կարիք չկա, ― պատասխանեց Սանչոն, ― ես կզբաղեցնեմ ձերդ ողորմածությանը և մինչև առավոտ ձեզ ամեն տեսակ պատմություններ կանեմ, եթե միայն դուք չեք կամենում ձիուց իջնել և մի քիչ նիրհել կանաչ խոտի վրա ըստ թափառական ասպետների սովորության, որպեսզի, երբ որ հասնի գալիք աննման արկածի օրն ու ժամը, դուք ավելի աշխույժ զգաք ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւմ ես առաջարկում ձիուց իջնել և ննջել, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե դու կարծում ես, որ ես այն ասպետների թվին եմ պատկանում, որոնք հանգստանում են վտանգի պահին։ Ինքդ քնիր, ― դու հենց քնելու համար էլ ծնված ես, կամ թե արա, ինչ որ խելքիդ փչի, իսկ ես կանեմ այն, ինչ որ, իմ կարծիքով, ավելի վայել է իմ կոչմանը։ | ||
+ | |||
+ | ― Մի՛ք բարկանա, ձերդ ողորմածություն, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― ես այդ հենց այնպես, խոսք֊օրինակ ասացի։ | ||
+ | |||
+ | Եվ մոտենալով իր տիրոջը, նա մի ձեռքը դրեց թամքի առջևի գլխին, մյուսը՝ հետևի և սղմվեց դոն Կիխոտի ձախ ազդրին, վախենալով անգամ մի թիզ հեռանալ նրանից ― այդքան ահաբեկել էին նրան համաչափ հարվածները, որոնց ձայնն անընդհատ հասնում էր նրանց։ Դոն Կիխոտը խնդրեց, որ նա կատարի իր խոստումը և զբաղեցնելու համար պատմի իրեն որևէ պատմություն։ Սանչո Պանսան դրան պատասխանեց, որ սիրով կաներ այդ, եթե այն դղրդողը նրան չվախեցներ։ | ||
+ | |||
+ | ― Բայց էլի՛ կաշխատեմ ձեզ համար մի պատմություն անել, եթե միայն ինձ հաջողվի ավարտել և ոչ ոք ինձ չխանգարի, դուք կտեսնեք, որ ավելի լավ պատմություն աշխարհիս երեսին չի լինի։ Ուշադրությամբ ականջ դրեք, ձերդ ողորմածություն, ես սկսում եմ։ Դե, եղածը եղել է։ Թե լավ բան պատահի, թող բարին բոլորինը լինի, թե չար բան՝ ապա նրան, որ ինքը չարն է որոնում։<ref>Բավականին տարածված նախապատում, որով հեքիաթասածները սկսում էին իրենց հեքիաթները։</ref> Եվ նկատեցեք, ձերդ ողորմածություն, տեր իմ, որ հին մարդիկ իրենց հեքիաթներում չէին սկսում ոնց որ լինի, այլ անպատճառ հռովմայեցի Կատոն Ցոնցորինի ասությամբ, թե «իսկ չարը նրան, ով ինքը չարն է որոնում»։ Այս խոսքերը մեզ հարմար են գալիս, ոնց որ մատանին՝ մատին։ Ի՜նչ կլիներ, ձերդ ողորմածությունը հանգիստ նստեր և չթափառեր չարի որոնումներում։ Ավելի լավ չէ՞ր լինի մենք ուրիշ ճամփով վերադառնայինք, քանի որ մեզ ոչ ոք չի հարկադրում հենց այս ճանապարհով գնալ, որտեղ ամեն կողմից մեզ վրա ամեն տեսակ սարսափներ են խուժում։ | ||
+ | |||
+ | ― Շարունակիր քո պատմությունը, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― իսկ թե ինչ ճամփով կերթանք մենք ― այդ թող ինձ։ | ||
+ | |||
+ | ― Շարունակում եմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Էստրամադուրայի մի շենում այծերի մի հովիվ էր ապրում, այլ կերպ ասած՝ այծարած և այդ այծարածի կամ այծերի հովվի անունը, ինչպես իմ պատմությունը պատմում է, Լոպե Ռուիս էր և այդ իսկ Լոպե Ռուիսը սիրահարված էր մի հովվուհու, որի անունը Տորրալբա էր և այդ Տորրալբա անունով հովվուհին մի հարուստ անասնապահի աղջիկ էր, իսկ այդ հարուստ անասնապահը․․․ | ||
+ | |||
+ | ― Եթե դու քո պատմությունն այդ ձևով անելու լինես, Սանչո, ― ընդհատեց դոն Կիխոտը, ― և ամեն խոսք երկու անգամ կրկնես, ապա դու երկու օրում էլ չես ավարտի։ Պատմիր կապակցված և կարգին, խելացի մարդու նման, թե չէ՝ լռի՛ր։ | ||
+ | |||
+ | ― Ախր ես ճիշտ և ճիշտ այնպես եմ պատմում, ― պատասխանեց Սանչոն, ― ինչպես այդ հեքիաթները պատմում են մեր գյուղում։ Այլ կերպ պատմել ես չգիտեմ, ասենք՝ ձերդ ողորմածությունը չպետք է պահանջի, որ ես նոր սովորություններ մուծեմ։ | ||
+ | |||
+ | ― Դե, գիտցածիդ պե՛ս պատմիր, ― ասաց դոն Կիխոտը, ― և շարունակիր, քանի որ ինձ վիճակված է քեզ լսել։ | ||
+ | |||
+ | ― Ահա, իմ թանկագին սինյոր, ― շարունակեց Սանչոն, ― այդ հովիվը, ինչպես ես արդեն ձեզ զեկուցեցի, սիրահարված էր Տորրալբա հովվուհուն։ Սա էլ հաստլիկ աղջիկ էր, ըմբոստ ու մի քիչ տղամարդու նման, որովհետև բեղեր էին դուրս եկել ― հիմա էլ ոնց որ առջևս կանգնած լինի։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե դու նրան ճանաչելիս ես եղել, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ասենք՝ ես նրան ճանաչելիս չեմ եղել, ― պատասխանեց Սանչոն, ― բայց ինձ այս պատմությունն անող մարդը հավատացնում էր, որ այս ամենը եղելություն է և զուտ ճշմարտություն, և որ եթե ես մեկն ու մեկին այս պատմությունն անելու լինեմ, ապա կարող եմ ազատ կերպով հավատացնել և երդվել, որ ինքս եմ ամեն ինչ տեսել սեփական աչքերով։ Ահա, ժամանակն անցնում էր, հա՛ անցնում, իսկ սատանան, որ, ինչպես հայտնի է, չի նիրհում և ամենուրեք մուռտառում է, այնպես սարքեց, որ հովվի սերը շուռ եկավ, ամեհի չարություն և ատելություն դառավ։ Չար լեզուներն ասում էին, թե դա այն պատճառով է պատահել, որ աղջիկը տղին խանդի տեղիք էր տալիս, հաճախ չափը չիմանալով և թույլատրվածի սահմաններն անցնելով։ Եվ այդ պահից հովիվը նրան այնքան ատեց, որ որոշեց թողնել գյուղը, որ աչքը չտեսնի նրան և հեռանալ այնպիսի կողմեր, որտեղ նրա հետքն էլ չի լինի։ Իսկ Տորրալբան հենց որ նկատեց, որ նա զզվում է իրենից, այնպես սիրահարվեց նրան, ինչպես առաջ երբեք նրան չէր սիրել։ | ||
+ | |||
+ | ― Այդպես է կանանց բնածին հատկությունը, ― ասաց դոն Կիխոտը, ― մերժել նրանց, ովքեր նրանց սիրում են և սիրել նրանց, ովքեր նրանց ատում են։ Շարունակի՛ր Սանչո։ | ||
+ | |||
+ | ― Այնպես եղավ, որ հովիվն իր վճիռը կենսագործեց և, առնելով իր այծերին, գնաց Էստրամադուրայի դաշտերը, Փորթուգալական թագավորության կողմերը։ Իմանալով այդ՝ Տորրալբան գնաց նրա հետևից և երկար այդպես ոտով գնաց՝ բոպիկ, ցուպը ձեռքին, մաղախը ուսին։ Իսկ նրա մաղախի մեջ, ինչպես ասում էին, հայելու մի կտոր կար, սանրի կտոր և մի սրվակ ինչ֊որ դեղ, ասենք, այդ կարևոր չէ, թե ինչ է եղել մեջը ― ես հիմա բնավ մտադիր չեմ ստուգելու, ― միայն այն կասեմ, որ ինչպես պատմում են, մեր հովիվը իր հոտի հետ մոտեցավ Գվադիանա գետին, իսկ այն պահին գետը վարար է եղել և ջուրը դուրս է եկել ափերից և այն տեղում, որտեղ հասել էր հովիվը, ոչ նավակ կար, ոչ լաստ և մարդ չկար, որ գետն անցկացներ իրեն ու իր հոտը։ Այդ բանը նրան շատ վշտացրեց, որովհետև նա տեսել էր, որ Տարրալբան արդեն մոտենալու վրա է և իսկույն կսկսի նրա զահլեն տանել իր աղերսներով ու արցունքներով։ Սկսեց նա դես֊դեն նայել և վերջապես մի ձկնորս տեսավ այնքան փոքրիկ մի նավակում, որ մեջը միայն մի մարդ կարող էր տեղավորվել և մի այծ։ Բայց ի՜նչ արած։ Նա խոսեց ձկնորսի հետ և պայմանավորվեց, որ նա կփոխադրի և՛ իրեն, և՛ իր երեք հարյուր այծերին։ Ձկնորսը նստեց նավակը և փոխադրեց մեկ այծ, ապա վերադարձավ և փոխադրեց երկորդը, հետո դարձյալ վերադարձավ և փոխադրեց երրորդը․․․ Մի լավ համարեցեք, ձերդ ողորմածություն, քանի այծ նա փոխադրեց մյուս ափը, որովհետև եթե դուք մել այծ ավելի կամ պակաս համարեք, իմ պատմությունը հենց այստեղ էլ կվերջանա, և ես այլևս չեմ կարողանա մի բառ անգամ ավելացնել։ Դե, ես շարունակում եմ՝ դիմացի ափը ճահճոտ էր և սկլուն, այնպես որ ամեն փոխադրության համար ձկնորսը շատ ժամանակ էր կորցնում։ Այնուհանդերձ, նա մի այծ էր փոխադրեց, հետո էլի մեկը և մեկն է՛լ․․․ | ||
+ | |||
+ | ― Միանգամից ասա, որ նա բոլորն էլ փոխադրեց, ― ասաց դոն Կիխոտը, ― և բավական է մեկ ափից մյուսը գնաս֊գաս, թե չէ ա՛յդ եղանակով մի ամբողջ տարի դու նրանց չես փոխադրի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ մինչև հիմա քանի՞սն են փոխադրված, ― հարցրեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Սատանան գիտե, ― ասաց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ինչ որ ասում էի, այն էլ դուրս եկավ,՝ ահա՛, դուք հաշիվը կորցրիք։ Աստված վկա, այստեղ իմ պատմությունն ավարտված է, և շարունակություն չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս հնարավոր է այդ, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե քո պատմության համար այնքան կարևոր է ճշգրիտ իմանալ, թե քանի այծ է եղել փոխադրված և մի՞թե հաշիվ անելիս եթե մեկ այծ բաց թողնելու լինես, դու այլևս չես կարող շարունակել։ | ||
+ | |||
+ | ― Չէ, սինյոր, ոչ մի կերպ, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև այդ վայրկյանին, որ ես խնդրեցի ձերդ ողորմածությունից ինձ ասել, թե քանի այծ է փոխադրված եղել, իսկ դուք ինձ պատասխանեցիք, թե չգիտեք, իսկույն ևեթ իմ հիշողությունից դուրս թռավ այն ամենը, ինչ որ դեռևս մնացել էր ձեզ պատմեմ, ― իսկ, Աստված վկա, շարունակությունը շատ հետաքրքրական և զվարճալի էր։ | ||
+ | |||
+ | ― Ասել է թե, ― հարցրեց դոն Կիխոտը, ― քո պատմությունը հասավ իր վախճանի՞ն։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, վախճանվեց, ինչպես իմ հանգուցյալ մայրը, ― պատասխանեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտն ասեմ քեզ, ― շարունակեց դոն Կիխոտը, ― դու ինձ ամենաարտասովոր հեքիաթներից, վեպերից կամ պատմություններից մեկը պատմեցիր, որ երբևիցե հնարված են եղել աշխարհիս երեսին, և ոչ ոք իր կյանքում չի լսի և չի կարողանա լսել մի վեպ որ այդպես սկսվի և ընդհատվի։ Ասենք՝ ես ուրիշ բան չէի էլ սպասում քո նուրբ խելքից և բնավ չեմ զարմանում՝ երևի թե այդ անդադրում հարվածները մթագնել են քո բանականությունը։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչ կարող է պատահել, ― պատասխանեց Սանչոն։ ― Գիտեմ միայն, որ պատմության վերջը հասավ, որովհետև նա միշտ վերջանում է, հենց որ մեկնումեկը սխալվում է փոխադրված այծերի հաշվում։ | ||
+ | |||
+ | ― Էհ, թող վերջանա, բարին հետը, ― ասաց դոն Կիխոտը, ― իսկ հիմա տեսնենք, կհամաձայնի՞ Ռոսինանտը տեղից շարժվել։ | ||
+ | |||
+ | Նա նորից սկսեց խթանել ձիուն, բայց ձին միայն քացի էր տալիս, առանց տեղից շարժվելու՝ այնպես ամուր էին փաթաթված նրա ոտները։ | ||
+ | |||
+ | Այստեղ պատահեց հետևյալը՝ նրանի՞ց էր արդյոք, որ Սանչոյի վրա ազդել էր վաղորդյան քամին, թե՞ նրանից, որ նա նախապես փոր լուծող բան էր կերել, կամ թե, վերջապես, նա պարզապես բնական պահանջ զգաց (մի բան, որ թերևս, ամենից ճիշտն է), միայն թե հանկարծակի նա բռնվեց սաստիկ ցանկությամբ անելու այն, ինչ որ նրա փոխարեն ոչ ոք չի կարող անել։ Սակայն նրա սիրտը այնպիսի մեծ երկյուղ էր պատել, որ նա չխիզախեց մի թիզ անգամ հեռանալ իր տիրոջից։ Մյուս կողմից՝ իր ցանկությունը չբավարարելու մասին մտածելն անգամ անկարելի էր։ Եվ ահա թե նա ինչպես դուրս եկավ այդ դժվարությունից։ Նա բաց թողեց աջ ձեռքը, որով բռնել էր թամքի հետևի գլուխը, կամացուկ, անշշուկ արձակեց իր վարտիքի թելը, որից հետո վարտիքն իսկույն վայր իջավ մինչև ոտների կրունկները, ապա նա հնարավոր զգուշությամբ բարձրացրեց շապիկը և դուրս ցցեց օդի մեջ իր երկու կիսանդրիները, որ փոքրիկ ծավալ չունեին։ Երբ որ այդ ամենը կատարված էր և Սանչոյին թվում էր, որ գլխավոր դժվարությունը հաղթահարված է և որ նա գրեթե դուրս է պրծել իր ծանր ու տանջալի դրությունից, մի նոր դժվարություն, ավելի վատթարը, երևան եկավ․ նա երկյուղ կրեց, որ միգուցե չաջողի իր գործն անել առանց աղմուկի և տրաքոցի, ուստի ատամները պինդ սղմեց իրար, գլուխը խրեց ուսերի մեջ և բոլոր ոժով աշխատում էր շունչը պահել։ Սակայն չնայած այդ ջանքերին, նրա բախտը չբերեց և վերջանալու վրա նա մի թեթև ձայն հանեց, որ բնավ նման չէր այն հնչյուններին, որ նրան այդքան սարսափեցնում էին։ Այն լսելով, դոն Կիխոտը հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ հնչյուն էր, Սանչո։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, սինյոր, ― պատասխանեց նա։ Երևի դա էլ նոր բան է, ախր, արկածներն ու չարաբախտությունները բոլորը միասին են գալիս։ | ||
+ | |||
+ | Ապա նա նորից վճռեց փորձել իր բախտը և ամեն ինչ այնպես հաջող վերջացավ, որ նա անաղմուկ և առանց նոր տագնապների վերջապես ազատվեց նրան այնքան կեղեքող ծանրությունից։ Սակայն դոն Կիխոտի հոտառությունը պակաս չէր զարգացած, քան լսողությունը, իսկ Սանչոն հենց նրա կողքին էր կանգնած, ասես կարած լիներ նրա կողին, այնպես որ գոլորշին բարձրանում էր ուղիղ գծով համարյա մեր ասպետի վրա։ Ուստի չէր կարող պատահել, որ դոն Կիխոտի քթին բան չհասներ, որը, հոտը առնելով, շտապեց պաշտպանվել, մատներով բռնելով քիթը և մի քիչ քթի միջով ասաց Սանչոյին․ | ||
+ | |||
+ | ― Թվում է, ինձ, Սանչո, որ դու սաստիկ վախեցել ես։ | ||
+ | |||
+ | ― Որ վախեցել եմ՝ դա ճիշտ է, ― պատասխանեց Սանչոն, ― միայն թե ինչո՞ւ է ձերդ ողորմածությունը հիմա նկատում այդ և ոչ առաջ։ | ||
+ | |||
+ | ― Որովհետև դեռ երբեք քեզնից այսքան ուժեղ հոտ չի եկել, ինչպես հիմա, այն էլ ոչ անուշ հոտ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Դա միանգամայն հնարավոր է, ― ասաց Սանչոն, ― Միայն թե մեղքը իմը չէ, այլ ձերդ ողորմածությանը, ինչո՞ւ եք ինձ տարաժամ և ոչ բանուկ ճամփաներով քարշ տալիս։ | ||
+ | |||
+ | ― Ապա, բարեկամ, մի կողմ քաշվիր, երեք կամ չորս քայլ հեռու, ― ասաց դոն Կիխոտը, շարունակելով քիթը մատներով բռնած պահել, ― և այսուհետև քեզ հավաք պահիր և մի մոռանա, որ դու պիտի հարգանքով վերաբերվես ինձ։ Ես չափազանց ազատ եմ հետդ խոսում, և դա հրում է քեզ դեպի անպարկեշտություն։ | ||
+ | |||
+ | ― Գրազ կգամ, ― բացականչեց Սանչոն, ― որ ձերդ ողորմածություը կարծում է, թե ես մի բան եմ արել, որ չի կարելի։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ է ձեռք չտալ այն, ինչ որ դու արել ես, Սանչո բարեկամ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | Այս և նման զրույցներով տերն ու ծառան գիշերը անց կացրին։ Եվ երբ որ Սանչոն տեսավ, թե ուր որ է՝ օրը կծագի, նա թաքուն արձակեց Ռոսինանտի ոտները և կապեց իր վարտիքը։ Թեև Ռոսինանտը բնականից երբեք տաք ձի չի եղել, բայց հիմա, իրեն ազատ զգալով, նա, ասես, ուրախացավ և գլուխը թափ տվեց։ Ցատկելը նա չէր ցատկում, որովհետև, թող վիրավորական չլինի նրա համար ասել, չէր կարողանում։ Իսկ դոն Կիխոտը, տեսնելով, որ ձին շարժվեց, բարի նշան համարեց այդ և վճռեց, որ այդ նշանը կոչում է նրան ահավոր սխրագործություն կատարելու։ Մինչ այս, մինչ այն, լույսը բացվեց, և երբ որ շուրջը ամեն ինչ պարզ տեսանելի դառավ, դոն Կիխոտը համոզվեց, որ գտնվում է շագանակի բարձր ծառերի տակ, որոնք թանձր ստվեր են գցում։ Նա լսում էր, որ հարվածները տակավին չեն դադարում, բայց թե որտեղի՞ց են գալիս ― չէր երևում։ Այդ պատճառով, այլևս առանց հապաղելու, նա խթանեց Ռոսինանտի կողերը և երկրորդ անգամ հրաժեշտ տալով Սանչոյին, ինչպես և առաջին անգամը, հրամայեց, որ իրեն ամենաշատը երեք օր սպասի։ Իսկ եթե երեք օրից ինքը վերադառնալու չլինի, ապա դա պետք է նշանակի, որ Աստված հաճել է խլել նրա օրերը այս վտանգավոր արկածում։ Ապա նա կրկնեց Սանչոյին, որ նա պետք է զեկուցի իր անունից տեղեկացնի տիրուհի Դուլսինեային և խնդրեց, որ նա անհանգիստ չլինի իր աշխատանքի վարձի համար, որովհետև տնից դուրս գալուց առաջ ինքը կազմել է իր կտակը, որի համաձայն Սանչոյի ռոճիկը լրիվ կվճարվի նրա ծառայության ամբողջ ժամանակի համար։ Իսկ եթե նրա տերը այս վտանգներից ողջ և առողջ դուրս գա, Սանչոն կարող է իրեն խոստացված կղզու ստացումը միանգամայն ապահով համարել։ Կրկին լսելով իր բարի տիրոջ խճալի խոսակցությունները, Սանչոն կրկին անգամ լաց եղավ և վճռեց նրան չլքել մինչև վերջ, մինչև նրա ձեռնարկի ավարտումը։ (Այս արցունքներից և Սանչո Պանսայի այնքան մեծահոգի վճռից այս պատմության հեղինակը հետևցնում է, որ նա ստոր ծագում չի ունեցել և որ համենայն դեպս հին քրիստոնեական տոհմի է պատկանելիս եղել)։ | ||
+ | |||
+ | Սանչոյի համակրանքը շարժեց նրա սիրտը, բայց ոչ այն աստիճան, որ հարկադրեր նրան հայտնաբերել հոգու որևէ թուլություն։ Ընդհակառակը, նա ճիգ արեց, որ իր հոգեվիճակը թաքցնի և այն կողմը դիմեց, որտեղից, ինչպես նրան թվում էր, հարվածների ձայներն ու վտակի շրխկոցն էին գալիս։ Սանչոն հետևում էր նրան ոտով, ըստ սովորականին, հետևից քաշելով իր էշին ― այդ հավերժական ուղեկցին բախտի թե դժբախտության պահին։ Շագանակի և այլ սաղարթախիտ ծառերի ստվերի միջով բավական տարածություն անցնելուց հետո նրանք մի փոքրիկ դաշտ դուրս եկան, որ փռվել էր բարձր ժայռերի տակ, որոնց գագաթից գահավիժում էր ահագին մի ջրվեժ։ Այդ ժայռերի տակ մի քանի աղքատիկ տնակներ էին պատսպարվել, որոնք ոչ այնքան տան էին նմանում, որքան ինչ֊որ շենքերի փլատակների, և հիմա պարզ դարձավ, որ աղմուկն ու դղրդոցը տակավին չդադարող հարվածների, հենց այն տեղից են դուրս գալիս։ Ռոսինանտը վախեցավ ջրվեժի շաչյունից և հարվածներից, բայց դոն Կիխոտը, նրան հանգստացնելով, կամաց֊կամաց մոտեցավ տնակներին, ի բոլոր սրտե իրեն պահ տալով իր տիրուհուն, աղերսելով նրա պաշտպանությունը այս ահավոր ձեռնարկում, միաժամանակ խնդրելով տեր Աստծուց, որ իրեն չմոռանա։ Սանչոն նրանից հետ չմնաց։ Նա բոլոր ուժերով ձգում էր պարանոցը և Ռոսինանտի ոտների արանքից աչք ածում, հուսով, որ վերջապես կտեսնի այն, ինչ իրեն այնքան ահ ու տագնապ էր ազդել։ Նրանք անցան մոտ հարյուր քայլ, շրջեցին ժայռի դուրս ցցված կողը և այստեղ բացեիբաց նրանց աչքերին բացվեց ահասաստ և սարսափելի աղմուկի պատճառը, որ ողջ գիշերը նրանց ահ ու տագնապի մեջ էր պահել։ Դա ոչ այլ ինչ էր (մի՛ բարկանար ու նեղանար, ընթերցող), բայց եթե մահուդ գործող մուրճեր, որ իրենց փոխեփոխ հարվածներով այդպիսի դղրդյուն էին հանում։ | ||
+ | |||
+ | Տեսնելով այդ բանը, դոն Կիխոտը գլխից մինչև կրունկները փետացավ ու քարացավ։ Սանչոն աչքը գցեց նրա վրա և տեսավ, որ իր տերը գլուխը կախ էր արել և ծայր աստիճան շփոթված տեսք ունի։ Իսկ դոն Կիխոտն, իր հերթին, նայեց Սանչոյին և տեսավ, որ նա ուռցրել է իր թշերը, որ նա խեղդվում է ծիծաղից և որ ըստ երևույթին նա քիչ է մնում ծիծաղից տրաքի։ Ինչքան էլ ուժգին էր նրա տրտմությունը, բայց տեսնելով Սանչոյին նա խնդաց։ Իսկ Սանչոն, հենց որ տեսավ, որ իր տերը խնդում է, այնպես ծիծաղեց, որ ստիպված էր կողերը հուպ տալ բռունցնքերով, որ ծիծաղից երկու կտոր չդառնա։ Մի չորս անգամ նա հանգստացավ և դարձյալ ծիծաղը բռնեց ոչ պակաս թափով, այնպես որ դոն Կիխոտը պատրաստ էր ինքն իրեն բոլոր սատանաների մոտ ուղարկել։ Սակայն ավելի սաստիկ բարկացավ նա, երբ որ Սանչոն սկսեց ծաղրել։ | ||
+ | |||
+ | ― Դու պետք է իմացած լինես, Սանչո բարեկամ, որ երկինքը հաճել է ինձ աշխարհ բերել մեր այս երկաթե դարում, որպեսզի ես հարություն տամ ոսկեջրած կամ ոսկե դարին։ Ես այն մարդն եմ, որին վիճակված են մեծամեծ գործեր և խիզախ սխրագործություններ։ | ||
+ | |||
+ | Եվ, շարունակելով այս եղանակով, դոն Կիխոտը կրկնեց Սանչոյին գրեթե իր ողջ ճառը, որ արտասանեց առաջին անգամ լսելով այս սարսափելի հարվածները։ Տեսնելով, որ Սանչոն չարախնդաց է լինում, դոն Կիխոտը նեղացավ և այնպես բարկացավ, որ բարձրացրեց իր նիզակը և մի երկու անգամ խփեց խեղճի մեջքին։ Եթե այս հարվածները Սանչոյի մեջքին դիպած չլինեին, այլ գլխին, դոն Կիխոտը կարող էր այլևս նեղություն չկրել նրան ռոճիկ տալու, եթե միայն չցանկանար վճարելու նրա ժառանգներին։ Սակայն Սանչոն, նկատելով, որ իր կատակները լավ հետևանք չեն ունենում և վախենալով, որ իր տերը կարող է դեռ շարունակել ծեծը, մեծ խոնարհությամբ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հանգստացեք, ձերդ ողորմածություն։ Երդվում եմ Աստուծով, որ ես հանաք արի։ | ||
+ | |||
+ | ― Դրա համար էլ ես կատակ չեմ անում, որ դուք հանաք եք անում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ապա մոտ եկեք, սինյոր հանաքչի։ Եթե մահուդ գործելու մուրճերի փոխարեն մեր առջև ուրիշ վտանգավոր արկած լիներ, մի՞թե ձեզ թվում է, որ ես բավականաչափ արիություն չէի հայտնաբերի, որպեսզի սկսեի և ավարտեի այդ գործը։ Մի՞թե ես՝ ասպետս, պարտավոր եմ զանազանել հնչյունները և և որոշել՝ մահուդ գործելու մուրճեր են, թե այլ բան։ Մանավանդ որ, ճիշտն ասած, ես իմ օրում այդ մուրճերը տեսած չկամ, մինչդեռ դուք, անարգ տղամարդ, ծնվել և մեծացել եք այդպիսի առարկաների մեջ։ Ոչ, դուք ավելի լավ է այնպես անեք, որպեսզի այդ վեց մուրճը վեց հսկա դառանան և որպեսզի նրանք հերթով, կամ բոլորը միասին, վրա տան ինձ վրա։ Եթե նրանք գլխիվայր օդը չցնդեն, ապա ծաղրեցեք ինձ, որքան կամենաք։ | ||
+ | |||
+ | ― Լա՜վ, սինյոր իմ, ― ասաց Սանչոն, ― խոստովանում եմ, որ կամենալով կատակել, ես չափն անցա։ Էհ, հիմա մենք հաշտվենք, (և տա Աստված, որ բոլոր գալիք արկածներից դուք նույնքան ողջ ու առողջ դուրս գաք, ինչպես հիմա, ասացեք ինձ, ձերդ ողորմածություն՝ մի՞թե ծիծաղելի չէ, և մի՞թե չարժե, որ հետո մենք պատմենք, թե ի՜նչ սաստիկ մենք վախեցանք։ Առնվազն, ինչպես վախեցա ես․ գալով ձերդ ողորմածությանը, ապա չէ՞ որ ինձ հայտնի է, որ դուք չգիտեք և չեք ըմբռնում, թե ահը ինչ բան է։ | ||
+ | |||
+ | ― Ես բնավ չեմ ժխտում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ մեզ պատահածը արժանի է ծիծաղի, սակայն պատմել ― բնավ պետք չէ, որովհետև բոլոր մարդիկ բավականաչափ խելացի չեն, որ բանը ճիշտ հասկանան։ | ||
+ | |||
+ | ― Համենայն դեպս, ― պատասխանեց Սանչոն, ― ձերդ ողորմածությունը լավ է նիզակը գործ ածում․ դուք նշան էիք դրել իմ գլխին և դիպաք մեջքիս միմիայն շնորհիվ Աստծու և այն ճարպկության, որով ինձ աջողեց մի կողմ թռչել։ Է, դե լավ, լվացքից ամեն բան կմաքրվի, զուր չի ասում առածը՝ ով որ սաստիկ սիրում է, նա սաստիկ էլ խփում է։ Իսկ ազնիվ սինյորները հենց որ հայհոյում են ծառային, իսկույն ևեթ նրան նոր վարտիք են նվիրում։ Իսկ թե թափառական ասպետներն ինչ են նվիրում իրենց ծառաներին նրանց մի լավ քյոթագ տալուց հետո ― չգիտեմ։ Ծեծին չի՞ հետևում արդյոք կղզի կամ որևէ թագավորություն ցամաքի վրա։ | ||
+ | |||
+ | ― Ինչ կա որ, բախտը կարող է գործը այնպես շուռ տալ, որ քո բոլոր խոսքերը ճշմարտություն դուրս գան, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ների՛ր ինձ պատահածի համար, որովհետև դու խելացի մարդ ես և գիտես, որ մենք չենք իշխում մեր առաջին շարժումների վրա։ Իսկ գալիքի համար թող դա նախազգուշացում լինի, զգուշացիր և զսպիր քեզ ավելորդ խոսակցություններից ինձ հետ, որովհետև, թեև ես անհաշիվ բանականությամբ ասպետական վեպեր եմ կարդացել, բայց նրանցից և ոչ մեկում չեմ հանդիպել, որ զինակիրն այնքան շատ խոսեր իր տիրոջ հետ, ինչքան դու՝ ինձ հետ։ Եվ ճիշտ՝ ես կարծում եմ, որ այդ բանում մենք երկուսով էլ խիստ մեղավոր ենք։ Դու մեղավոր ես, որ ինձ բավականաչափ չես հարգում, իսկ ես՝ որ քեզնից ավելի հարգանք չեմ պահանջում։ Օրինակ՝ Գանդալինը, Ամադիս Գաղղիացու զինակիրը, ցամաքային կղզու կոմս էր, իսկ եթե պատմությանը հավատալու լինենք, իր տիրոջ հետ այլ կերպ չէր խոսում, քան եթե գլուխը կախ արած, գլխարկը պահած ձեռքին և երկու տակ ծալված more turqueso:<ref>Ըստ թուրքական սովորության։</ref> Ինչ ասել կուզե դոն Գալաորի զինակիր Գասաբալի մասին։ Նա այնքան լռակյաց էր, որ մեծ և ճշմարտապատում պատմության հեղինակը մեկ անգամ է հիշատակում նրա անունը, այն էլ նրա զարմանալի առաքինությունը՝ լռակյացությունը, նշելու նպատակով։ Այն ամենից, որ ես քեզ ասացի, Սանչո, դու պետք է հետևցնես՝ պետք է հիշել սինյորի և ծառայի միջև եղած տարբերությունը, տիրոջ և ճորտի, ասպետի և զինակրի միջև։ Ուստի, այսօրվանից մենք իրար ավելի մեծ հարգանքով պիտի վերբերենք և մի կողմ պիտի թողնենք ամեն տեսակ հիմարությունները, որովհետև եթե դուք մի բանով զայրացնելու լինեք ինձ, ապա միմիայն ինքներդ կտուժեք, ինչպես առակի կավե ամանը։ Գալով խոստացված շնորհ ու պարգևներին, իր ժամանակին կլինեն, իսկ եթե չլինեն, միևնույն է, համենայն դեպս, դուք ձեր ռոճիկը չեք կորցնի, ես քանիցս այդ ասել եմ ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Այդ ամենը շատ լավ է, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն։ ― Սակայն ես կկամենայի իմանալ (եթե պարգևի ժամը այնպես էլ հասնելու չլինի և ես հարկադրված լինեմ միմիայն ռոճիկով գոհանալ) ― թափառական ասպետների զինակիրները հին ժամանակ ի՞նչ ռոճիկ էին ստանալիս եղել և ի՞նչ պայմանով էին վարձվում՝ ամսո՞վ թե օրավարձով, ինչպես քարտաշի աշկերտները։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ այն ժամանակ զինակիրները երբեք ռոճիկով չէին ծառայում, այլ միայն պարգևներ էին ստանում։ Եվ եթե ես հիշատակել եմ քեզ կտակիս մեջ, որ կազմել եմ տանս և պահել կնքած, ապա միմիայն այն պատճառով, որ ամեն բան կարող է պատահել՝ ես խոմ չգիտեմ, թե ինչ բախտ է սպասում մեր աղետավոր ժամանակ ասպետին, և ես չէի կամենա, որ մի չնչին բանի համար իմ հոգին տանջվի այն աշխարհում։ Եվ դա պետք է որ իմացած լինես, Սանչո, որ այս աշխարհում արկած որոնելուց ավելի վտանգավոր զբաղմունք չկա։ | ||
+ | |||
+ | ― Դա կատարյալ ճշմարտություն է, ― պատասխանեց Սանչոն, ― քանի որ մահուդ գործելու մուրճերի թրխկոցը սոսկ բավական էր ձերդ ողորմածության պես արի մի ասպետի հանգիստը խռովելու համար։ Սակայն դուք կարող եք միանգամայն հավատացած լինել, որ ես այլևս բերանս էլ բաց չեմ անի ձերդ ողորմածությանը ծաղրելու համար և միշտ կհարգեմ ձեզ, որպես իմ բնական տիրոջ ու սինյորի։ | ||
+ | |||
+ | ― Եվ աշխարհիս երեսին կյանքդ փափուկ կլինի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև հոր ու մորից հետո պետք է պատվել տերերին, ասես նրանք ծնողներ լինեն։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXI== | ||
+ | |||
+ | Որ զրուցում է մեծ արկածի մասին և Մամբրինի թանկագին սաղավարտի նվաճման մասին, ինչպես և այլ անցք ու դեպքերի մասին, որ պատահեցին մեր անհաղթ ասպետին | ||
+ | |||
+ | |||
+ | Անձրևը մաղեց և Սանչոն տրամադիր էր պատսպարվելու մահուդի գործարանի ծածկի տակ։ Սակայն իր զինակրի ծաղրից հետո դոն Կիխոտն այնպես էր ատել այդ գործարանը, որ ոչ մի դեպքում չէր ուզում այնտեղ մտնել։ Ուստի նա ծռեց դեպի աջ և դուրս եկավ ճամփան, որ նման էր այն ճամփին, որով նրանք նախօրյակին ընթանում էին։ Շուտով դոն Կիխոտը հեռվում մի ձիավոր տեսավ, որի գլխին ինչ֊որ առարկա կար, որ փայլում էր ոսկու պես։ Հազիվ էր նկատել նրան, որ նա դիմեց Սանչոյին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, Սանչո, որ յուրաքանչյուր առածի մեջ ճշմարտություն կա, որովհետև այդ բոլոր ասույթները դուրս են բերված փորձից, որ բոլոր գիտությունների մայրն է։ Առանձնապես արդարացի է առածը, որ ասում է՝ մի դուռ փակվեց, մյուսը բացվեց։ Ասելս այն է, որ երեկ բախտը փակեց մեր առջև մեր որոնած արկածի դուռը և խաբեց մեզ մահուդի գործարանով, իսկ այսօր լայն բաց է անում մի ուրիշ դուռ, որ տանում է դեպի մի այլ և ավելի հաստատ արկած։ Եթե ինձ չհաջողվի մտնել այս դռնով, ես ինքս կլինեմ մեղավոր և այլևս անկարելի կլինի արդարանալ մուրճի ձայների անծանոթությամբ և գիշերվա խավարով։ Ասելս այն է, որ եթե չեմ սխալվում, մեր դիմաց մարդ է գալիս, որի գլխին Մամբրինի սաղավարտն է դրած, հենց այն սաղավարտը, որ ես երդվել եմ ձեռք բերել։ | ||
+ | |||
+ | ― Մտածեցեք, ձերդ ողորմածություն, թե ի՞նչ եք ասում, ― պատասխանեց Սանչոն, ― և ավելի՝ թե ի՜նչ եք անում։ Սա էլ երկրորդ մահուդի գործարանը դուրս չգա և վերջնականապես չկործանի մեզ։ | ||
+ | |||
+ | ― Սատանան քեզ տանի, ― գոչեց դոն Կիխոտը, ― ի՞նչ առնչություն կա սաղավարտի և մահուդի գործարանի միջև։ | ||
+ | |||
+ | ― Ես ի՞նչ իմանամ, ― պատասխանեց Սանչոն, ― սակայն եթե ես առաջվա պես կարողանայի ազատ խոսել, ապա, անշուշտ, այնպիսի փաստեր կբերեի, որ ձեզ համոզեին, թե դուք սխալ եք։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս կարող եմ ես սխալվել, վախկոտ դավաճան, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Դե, ասա, մի՞թե դու չես տեսնում, որ մեր դիմաց գորշ ձի հեծած ձիավոր է գալիս, գլխին՝ ոսկե սաղավարտ։ | ||
+ | |||
+ | ― Տեսնում ու նկատում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― որ ինչ֊որ մարդ է գալիս էշ նստած։ Նրա էշն էլ, իմի պես, գորշագույն է և մարդու գլխին ինչ֊որ փայլուն բան կա։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդ էլ Մամբրինի սաղավարտն է, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Մի կողմ քաշվիր և թող ինձ նրա հետ երես առ երես, և դու կտեսնես, թե ինչպես առանց ավելորդ խոսքերի և ժամանակ կորցնելու ես կկատարեմ այս սխրագործությունը և սաղավարտը, որ ես այնքան փափագում էի ունենալ, իմ ձեռքը կընկնի։ | ||
+ | |||
+ | ― Մի կողմ քաշվելն ինձ համար դժվար չէ, ― պատասխանեց Սանչոն, ― միայն թե կրկնում եմ տա Աստված, որ սա խնկածաղիկ դուրս գա և ոչ մահուդ գործելու մուրճ։ | ||
+ | |||
+ | ― Ասացի ձեզ, եղբայր, որ դուք չհանդգնեք և ոչ մի խոսքով հիշեցնելու այն մուրճերը, ― ընդհատեց դոն Կիխոտը, ― թե չէ, գետինը մտնեմ․․․ չեմ ուզում վերջացրած լինեմ խոսքս, ― ես հոգիդ կհանեմ։ | ||
+ | |||
+ | Սանչոն լռեց, վախենալով, որ տերը կարող է կատարել իր երդումը, որ թռավ նրա շուրթերից, թեթև փետուրի պես։ | ||
+ | |||
+ | Իսկ հիմա պետք է պատմենք, թե այդ ինչ սաղավարտ, ձի ու ձիավոր էր, որ նկատել էր դոն Կիխոտը։ Այս շրջանում երկու գյուղ կար և նրանցից մեկն այնքան փոքր էր, որ ո՛չ դեղատուն ուներ, ո՛չ դալլաք, իսկ մյուսը, որ հարևան էր, ուներ և՛ այս, և՛ այն։ Եվ ահա մեծ գյուղի դալլաքը սպասարկում էր նաև փոքրիկ գյուղը, որտեղ հենց այդ ժամանակ մի գյուղացի ածիլվելու կարիք ունեցավ, իսկ մի ուրիշը, հիվանդը, արյուն պիտի առնել տար։ Դրա համար էլ գնում էր դալլաքը և հետը պղնձե աման էր տանում։ Իսկ որովհետև բախտը բերեց, որ ճամփին անձրև եկավ, ապա նա, չկամենալով թրջել գլխարկը (երևի նորն էր), դրել էր գլխին ամանը, որ այնքան լավ մաքրված էր, որ նրա փայլը կես մղոն հեռավորությունից երևում էր։ Գնում էր գորշ էշով, ինչպես ճիշտ նկատել էր Սանչոն, ― իսկ դոն Կիխոտի աչքին իսկույն երևացին և՛ գորշ ձին, և՛ ասպետը, և՛ ոսկե սաղավարտը, որովհետև ինչ որ նրա աչքին երևում էր, նա իսկույն հարմարեցնում էր իր ասպետական ցնդաբանություններին և անմիտ երևակայությանը։ Տեսնելով, որ խեղճ մարդը բոլորովին մոտ է, դոն Կիխոտը, անհրաժեշտ չհամարելով նրա հետ խոսակցության բռնվելը, սաստիկ արագությամբ, որին ընդունակ էր Ռոսինանտը, նիզակը ճոճելով վրա տվեց՝ մտադրված լինելով ծակել նրան։ Մոտենալով նրան՝ մեր ասպետը, ձին չպահելով, գոռաց․ | ||
+ | |||
+ | ― Պաշտպանվի՛ր, թշվառ արարած, կամ թե կամովին տուր ինձ այն, ինչ որ ամենայն իրավամբ ինձ պիտի պատկանի։ | ||
+ | |||
+ | Տեսնելով, որ անսպասելի կերպով ինչ֊որ տեսիլ հարձակվում է իր վրա, դալլաքը, հարվածից պրծնելու համար, ավելի լավ բան չգտավ, քան էշից գետնին թրմփալ։ Հազիվ էր դիպել գետնին, որ եղջերուի ճարպկությամբ ոտի կանգնեց և այնպիսի արագությամբ փախուստ տվեց դաշտում, որ քամին էլ նրան չէր հասնի։ Որովհետև ամանը գետնին ընկած էր, դոն Կիխոտը բավականացավ դրանով և ասաց, որ հեթանոսը խոհեմ վարվեց, հետևելով կղբի օրինակին, որը որսորդի վրա հասնելու միջոցին պոկում է իրենից և ատամներով կրծում֊կտրում այն, ինչի համար, ինչպես հուշում է նրան բնազդը, իրեն հետապնդում են։ Դոն Կիխոտը հրամայեց, որ Սանչոն վերցնի սաղավարտը և վերջինս իր ձեռքն առնելով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լագանը, Աստված վկա, վատը չէ՝ ութ ռեալ, մինչև վերջին գրոշը, պետք է վճարել սրա համար։ | ||
+ | |||
+ | Ապա նա տվեց իր տիրոջը, որը իսկույն դրեց գլխին և սկսեց շուռ տալ ամեն կողմ, դիմակալ որոնելով։ Չգտնելով նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Երևի հեթանոսի մոտ մնաց, որի չափսով առաջին անգամ կռած֊կոփած է եղել և որի գլուխը սաստիկ մեծ է եղել, իսկ ամենավատը այն է, որ այս սաղավարտի կեսը պակաս է։ | ||
+ | |||
+ | Երբ որ Սանչոն լսեց, որ դալլաքի լագանը սաղավարտ է անվանվում, չկարողացավ իր ծիծաղը զսպել, բայց այստեղ նա հիշեց, թե ինչպես իր տերը նոր զայրացավ և իսկույն զսպեց իր ուրախությունը։ | ||
+ | |||
+ | ― Ինչի՞ համար ես ծիծաղում, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ես ծիծաղում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― մտածելով, թե որքան մեծ պիտի եղած լիներ հեթանոսի գլուխը, որին պատկանում էր սաղավարտը։ Ախր, երկու կաթիլ ջրի պես նա նմանում է դալլաքի լագանի։ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ս ինչ անցավ գլխովս, Սանչո։ Այս հռչակավոր կախարդական սաղավարտը, երևի, արտասովոր դիպվածով այնպիսի մարդու ձեռք է ընկել, որ նրան չի ճանաչել և չի կարողացել ըստ արժանվույն գնահատել, և ահա՛, տեսնելով, որ այս սաղավարտը զուտ ոսկուց է, առանց հասկանալու, թե ինչ է անում, կեսը հալել է, որ փող աշխատի, իսկ մյուս կիսից շինել է այն, ինչ որ քո խոսքերով քեզ դալլաքի լագան է թվում։ Էհ, մեկ բան է՝ ինչպես էլ լինի, ես հո գիտեմ, ինչ բան է և ինձ համար այդ կերպարանափոխությունը կարևորություն չունի։ Առաջին իսկ գյուղում, որտեղ դարբնոց կլինի, մենք նորից կռել կտանք և այն ժամանակ մարտի Աստծու համար դարբինների Աստծու սաղավարտը ոչ միայն առաջնություն չի ունենա սրա առջև, այլ չի էլ համեմատվի սրան։ Իսկ մինչ այդ ես նրան կկրեմ նույնիսկ այս ձևով, որովհետև դարձյալ մի բանը լավ է, քան ոչինչ, առավել ևս, որ նա ինձ լիովին կարող է պաշտպանել քարերի կարկուտից։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, իհարկե, ― պատասխանեց Սանչոն, ― եթե միայն թշնամիները քարը պարսերով նետելու չլինեն, ինչպես այն անգամ, երկու զորքերի բախման միջոցին, երբ որ նրանք ձեր ողորմածության ատամնրը ջարդեցին և կոտրեցին ամանը այն օրհնած խմիչքի, որից քիչ էր մնում բոլոր փորոտիքս դուրս թափեի։ | ||
+ | |||
+ | ― Ես այնքան էլ չեմ ցավում այդ կորուստից, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դու հո գիտես, Սանչո, որ ես նրա պատրաստելու եղանակը անգիր գիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, հիշում եմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Բայց տեղնուտեղը գետինը մտնեմ, երբ կյանքումս գեթ մի անգամ պատրաստեմ և համը առնեմ։ Համ էլ չեմ կարծում, որ երբևիցե կարիք լինի, որովհետև ես կաշխատեմ իմ բոլոր հինգ զգայարանները լարել, որպեսզի երբեք ոչ ոքի չվիրավորեմ և ինքս էլ չվիրավորվեմ։ Գալով նրան, որ ինձ մեկ էլ վերմակի վրա վեր֊վեր թռցնեն, խոսք չեմ տալիս, այդպիսի դժբախտությունները դժվար թե կարելի լինի կանխել և, երբ որ նրանք պատահում են, բան չի մնում, բայց եթե գլուխը ուսերի մեջ խրել, շունչը կտրել, աչքերը խուփ անել և մատնվել բախտի և վերմակի կամքին։ | ||
+ | |||
+ | ― Դու վատ քրիստոնյա ես, Սանչո, ― պատասխանեց դրան դոն Կիխոտը, ― որովհետև երբեք չես մոռանում վիրավորանքը, որ քեզ մեկ անգամ հասցրած են լինում։ Իմացած եղիր, որ ազնիվ և մեծահոգի սրտերը մանր֊մունր բաների վրա ուշ չեն դարձնում։ Մի՞թե դու դրանից հետո կաղ դառար։ Թե՞ քո կողը կոտրեցին, կամ ջարդեցին գլուխդ։ Ինչո՞ւ ապա դու չես կարողանում մոռանալ այդ կատակը։ Չէ՞ որ վերջի վերջո դա կատակ ու զվարճություն էր և եթե ես այդ բանին այլ աչքով նայեի, ես, անշուշտ, կվերադառնայի այնտեղ և, քո վրեժն առնելով, այնպիսի ավերածություն կգործեի, ինչպիսին հույները չգործեցին Հեղինեին փախցնելու համար։ Ասենք, եթե Հեղինեն մեր ժամանակ ապրելու լիներ կամ իմ Դուլսինեան՝ Տրոյայի օրոք, ապա այդ հույնուհին այդքան դյուրին չէր հռչակվի իր գեղեցկությամբ։ | ||
+ | |||
+ | Այստեղ նա գլուխը վեր բարձրացրեց և խորը հառաչեց։ Իսկ Սանչոն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լավ, թող դա հանաք լինի, քանի որ մենք չենք կարող ինչպես հարկն է վրեժ լուծել ― թեև ես շատ լավ գիտեմ, թե իրականում դա ի՜նչ հանաք էր, ինչպես և այն, որ երբեք չի ջնջվի իմ հիշողությունից, ասենք՝ մեջքս էլ չի մոռանա։ Էհ, թողնենք, ավելի լավ է՝ ահա՛ թե ինչ ասեք ինձ՝ ի՞նչ անենք այս գորշ ձիուն,<ref>Բնագրում «այս Մարտինոյին» (Մամբրինի աղավաղված անունն է)։</ref> որ շատ նմանում է գորշ էշի, որ անտեր է թողել այն ղոչաղը, որին ձերդ ողորմածությունը գետին տապալեց։ Դատելով նրանից, որ նա Վիլյադյեգոյից պակաս փախուստ չտվեց, դժվար թե նա իր անասունի հետևից գալու լինի։ Երդվում եմ միրուքովս, որ գորշը վատը չի՜։ | ||
+ | |||
+ | ― Իմ կանոններից դուրս է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― իմ հաղթահարված թշնամիներին թալանելը, ասենք՝ ասպետական սովորույթն էլ արգելում է խլել թշնամուց ձին և ստիպել նրան ոտով գնալ։ Եվ միայն այն դեպքում, եթե հաղթողը մարտի միջոցին իր ձին կորցնելու լինի, նրան թույլ է տրվում օգտվելու թշնամու ձիով, որպես օրինական ռազմի ավարով։ Ուստի, Սանչո, թող այդ ձիուն կամ էշին (ինչպես քեֆդ տա), որովհետև երբ որ նրա տերը տեսնի, թե մենք հեռացել ենք, նա կվերադառնա և կվերցնի նրան։ | ||
+ | |||
+ | ― Աստծուն է հայտնի, ― ասաց Սանչոն, ― թե ինչպես կկամենայի վերցնել նրան կամ առնվազն՝ փոխել իմի հետ՝ իմն ախր դրանից վատն է։ Շա՜տ ճնշող են ասպետական օրենքերը, քանի որ չեն թույլատրում փոխել էշը։ Էհ, թույլ տվեք իմանամ, սարքը կարելի՞ է փոխել։ | ||
+ | |||
+ | ― Այդ մասին ես հաստատ համոզված չեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Դա կասկածելի դեպք է, իսկ մինչև որ ես տեղեկանք քաղեմ, թույլ կտամ, որ փոխես, քանի որ դու ծայր աստիճան կարիք ունես։ | ||
+ | |||
+ | ― Ամենածայրահեղ, ― պատասխանեց Սանչոն, ― թե այդ սարքը ինձ համար պետք լիներ, ես այնքան կարիք չէի ունենա։ Եվ, իր տիրոջից թույլտվություն ստանալով, նա իսկույն mutatio capparum<ref>«Քղամիդների փոխանակություն» ― հռոմեական եկեղեցու զատկական հանդիսավոր արարողություն, երբ կարդինալներն ու պրելատները իրար հետ փոխանակում էին իրենց զգեստները։</ref> կատարեց, զարդարելով իր էշին այնպես, որ էշը ղալամով քաշած գեղեցիկ դառավ։ Ավարտելով այդ գործը, նրանք նախաճաշեցին, կերան գիշերային թափորից Սանչոյի վերցրած մթերքների մնացորդը և ջուր խմեցին մահուդի գործարանի մոտով հոսող առվից, դեպի որ կողմը նրանք գլուխներն անգամ շուռ չէին տալիս՝ այդպես էին նրանք ատելով ատել մահուդի գործարանը, որ գիշերն իրենց ահի մեջ գցեց։ | ||
+ | |||
+ | Երբ որ վերջապես ցրվեց նրանց մելամաղձոտությունը և անցավ զայրույթը, մեկը հեծավ իր ձին, մյուսը նստեց էշը և առանց որոշ ճամփի (որովհետև գնալ, ուր որ աչքը տեսնի ― միանգամայն թափառական ասպետների սովորույթն է) շարժվեցին այն ուղղությամբ, որ ընտրեց Ռոսինանտը, որի կամքին հնազանդեց ոչ միայն իր տերը, այլև էշը, որ եղբայրաբար և բարեկամաբար միշտ նրան հետևում էր։ Վերջապես նրանց հաջողեց բանուկ ճամփա ելնել, որով նրանք պատահմամբ, առանց որոշ նպատակի շարունակեցին ուղին։ Եվ ահա՛, այդպես ճամբորդելով, Սանչոն ասաց իր տիրոջը․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածություն, չէի՞ք հաճի արդյոք թույլ տալ ինձ մի քիչ խոսել ձեզ հետ։ Այն պահից, ինչ դուք իմ շուրթերի վրա դրել եք լռության այդ դաժան փորձությունը, փորումս թթվել են առնվազն չորս հարց, հիմա էլ հինգերորդն է պտտվում լեզվիս ծայրին, և ես չէի կամենա, որ նա էլ կորչի։ | ||
+ | |||
+ | ― Դե, ասա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն թե կարճ կապիր, շաղակրատությունը միշտ անախորժ է։ | ||
+ | |||
+ | ― Ես ուզում էի ասել, սինյոր, ― սկսեց Սանչոն, ― ահա՛ քանի օր է, ինչ ես մտածում եմ այն մասին, թե ինչ քիչ օգուտ ու շահ բերին մեզ այս թափառումները։ Ձերդ ողորմածությունը արկածներ է որոնում ճամփաբաժաններում և ամայի վայրերում, որտեղ ձեր բոլոր հաղթանակներն ու վտանգավոր սխրագործությունները, միևնույն է, ոչ ոք չի տեսնի և չի հիշի՝ այդպես էլ կմնան նրանք հավերժական մոռացության մեջ՝ թաղված ի մեծ վնաս թե՛ նրանց բարձր արժանիքների, թե՛ ձերդ ողորմածության բարի մտադրությունների։ Ուստի, թվում է ինձ, ավելի լավ կլիներ ― եթե միայն ձերդ ողորմածությունն այլ կերպ դատելու չլինի, ― եթե մենք որևէ կայսեր կամ այլ մեծ թագավորի, որ մեկն ու մեկի դեմ պատերազմ է մղում, ծառայության մտնեինք։ Ահա այստեղ ձերդ ողորմածությունը կարող կլիներ դրսևորել իր բոլոր արժանիքները ― մեծ ուժը և առավել ևս մեծ խելքը։ Իսկ երբ որ թագավորը, որին մենք ծառայելու լինենք, այդ տեսնի, իհարկե, մեզ երկուսիս կպարգևատրի, յուրաքանչյուրին ըստ իր ծառայությունների և, իհարկե, այնտեղ պատմաբան էլ կգտնվի, որ ձերդ ողորմածության բոլոր գործերը գրի առնի, որպեսզի նրանց հիշատակը հավետ մնա։ Իմ գործերի մասին ես չեմ խոսում, որովհետև նրանք բնավ զինակրի պաշտոնի սահմաններից չեն անցնի։ Թեև պետք է ձեզ ասեմ, որ եթե ասպետական մի այնպիսի սովորույթ լիներ, որ զինակիրների սխրագործություններն էլ գրի առնվեին, ապա, հանդգնում եմ հավատացնելու ձեզ, իմ գործերն էլ վերջին տեղը չէին գրավի։ | ||
+ | |||
+ | ― Դու վատ չես դատում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Բայց նախքան այդպիսի մի ծառայություն գտնելը, ասպետը պետք է, իբրև փորձություն, թափառի աշխարհիս երեսին և արկածներ որոնի, որպեսզի այդ գործում աչքի ընկնելուց հետո հռչակ ու փառք վայելի, այնպես որ այդ ասպետին նրա գործերով բոլորն էլ ճանաչեն։ Եվ ահա՛, հենց որ նա որևէ մեծ միապետի արքունիքը գալու լինի և մանուկները տեսնեն, որ նա ներս է մտնում դարպասը, իսկույն բոլորն էլ հավաքվեն, շրջապատեն նրան և սկսեն ճչալ՝ «Ահա Արևի Ասպետը կամ՝ Օձի Ասպետը», ― կոչելով նրան այն մականունով, որ նա իր մեծ գործերով հռչակել է։ «Ահա՛ նա», կասեն նրանք, «որ հաղթեց մենամարտության մեջ հզոր ու ահարկու հսկա Բրոկամբրունին, ահա նա, ով ցրեց սոսկալի կախարդանքը, որի իշխանության տակ Պարսկաստանի մեծ Մամելյուկը ամբողջ ինը տարի տառապեց»։ Այսպես, բերնեբերան, կտարածվի համբավը նրա փառավոր գործերի մասին։ Եվ ահա՛, մանուկների և նրա բոլոր ժողովրդի աղաղակների վրա այդ թագավորության արքան իր արքայական պալատի լուսամուտից դուրս կնայի և, տեսնելով մեր ասպետին, իսկույն կճանաչի նրան նրա զենք ու զրահից կամ վահանի նշանաբանից և անպատճառ կասի՝ «Հե՜յ, իմ արքունի ասպետներ, դո՛ւրս ելեք բոլորդ մեզ մոտ եկած ասպետության ծաղիկը դիմավորելու»։ Նրա հրամանով բոլորը կելնեն, իսկ ինքը կիջնի միչև սանդուղի կեսը, ամուր կգրկի հյուրին և ողջունելով կհամբուրի նրա դեմքը, ապա կբռնի նրա ձեռքն ու կտանի տիրուհի թագուհու սենյակը, և մեր ասպետը կտեսնի նրան՝ նստած աղջկա կողքին ― թագաժառանգուհու, որ ամենագեղեցիկ և հեզաբարո աղջիկներից մեկն է, որ կարելի է գտնել մինչև օրս աշխարհիս երեսին բոլոր հայտնաբերված երկրներում։ Եվ անհապաղ կպատահի, որ աղջիկը կնայի ասպետին, ասպետն՝ աղջկան, և նրանց երկուսին էլ կթվա, որ իր առջև չնաշխարհիկ մի էակ է, երկնային, և անհայտ է, թե ինչպես և ինչու նրանք երկուսով էլ կընկնեն կխճճվեն սիրային անել ցանցում և իրենց սրտերում մեծ տագնապ կզգան, չեն իմանա՝ ինչ ասեն, որ բաց անեն իրար իրենց զգացմունքն ու տվայտանքը։ Ապա, իհարկե, ասպետին կտանեն պալատի շքեղ զարդարված մի սենյակ և այնտեղ հանելով նրա զրահները, նրա ուսերին կգցեն հարուստ ծիրանի։ Եվ եթե ապառազինված նա գեղեցիկ էր, ապա այս զգեստով նա ավելի գեղեցիկ կերևա։ Երբ որ կիջնի երեկոն, նա թագավորի, թագուհու և արքայաժառանգուհու հետ ընթրիքի կնստի և կնայի՝ առանց հայացքը պոկելու, թաքուն բոլոր ներկա եղողներից, աղջկան, և աղջիկն էլ նույնը կանի, նույն նախազգուշություններով, որովհետև ինչպես ես արդեն ասացի, աղջիկը շատ խելացի կլինի։ Իսկ երբ բոլորը վեր կենալու լինեն, հանկարծ դռնից ներս կմտնի անճոռնի փոքրիկ մի թզուկ, նրա հետևից չքնաղ մի տիկին՝ երկու հսկաների ուղեկցությամբ։ Տիկինը կառաջարկի որևէ հին իմաստունի հնարած մի փորձություն՝ ով որ խիզախի կատարել, աշխարհիս լավագույն ասպետը կհամարվի։ | ||
+ | |||
+ | Իսկույն ևեթ թագավորը կառաջարկի իր բոլոր պալատականներին, որ փորձեն բախտը, բայց նրանք բոլորն էլ պարտություն կկրեն, և միայն մեր ասպետը դուրս կգա փորձությունից պատվով ու փառքով․ մի բան, որ սաստիկ կուրախացնի թագաժառանգուհուն, որ շատ գոհ և ուրախ կլինի, որ այդպիսի մի արժանավոր մարդու տվել ու նվիրել է իր զգացմունքը։ Իսկ այդ պատմության մեջ ամենաերևելի բանն այն է, որ այդ թագավորը կամ պրինցը, կամ ով էլ որ լինի, չարաչար պատերազմ է մղում մի ուրիշի դեմ, ոչ պակաս հզոր միապետի, և նրա մոտ հյուրընկալված ասպետը, մի քանի օր նրա արքունիքում անց կացնելուց հետո, նրանից թույլտվություն կխնդրի ծառայելու նրան պատերազմում։ Թագավորը նրան սիրով թույլ կտա, և ասպետը պարկեշտ կհամբուրի նրա ձեռքը՝ ցույց տված ողորմության համար։ Նույն գիշերը նա հրաժեշտ կտա իր տիկնոջ֊թագաժառանգուհուն պարտեզի ցանկապատի ճաղերի արանքից։ Թագաժառանգուհու ննջարանի լուսամուտը նայում է պարտեզին։ Այդ ցանկապատի ճաղերի արանքից նրանք առաջ էլ շատ անգամ զրուցել են և սպասուհու գիտությամբ և օգնությամբ, որին թագաժառանգուհին լիովին հավատ է ընծայում։ Նա հոգվոց կքաշի, աղջիկը ուշագնաց կլինի, սպասուհին ջուր կբերի և անհանգիստ կլինի, որովհետև առավոտը մոտ է և իր տիրուհու պատիվը կտուժի, եթե նրանց վրա հասնեն։ Վերջապես թագաժառնգուհին ուշքի կգա և ցանկապատի ճաղերի արանքով իր ճերմակ ձեռքը կպարզի ասպետին, իսկ սա կսկսի հազար անգամ համբուրել և թրջել արցունքով։ Նրանք կպայմանավորվեն, թե ինչպես իրար հաղորդեն, թե ինչ լավ ու վատ բան կպատահի, և թագաժառանգուհին կթախանձի, որ նա, ինչքան կարելի է, շուտ վերադառնա։ Նա երդումով կխոստանա և նորից կսկսի համբուրել նրա ձեռքը և կանջատվի նրանից այնքան սրտաշարժ կերպով, որ կթվա, թե նա բաժանվում է կյանքից։ Ապա նա կերթա իր սենյակը, կընկնի անկողնու վրա և անջատումի վշտից չի կարողանա քնել։ Լույսը չծագած նա վեր կկենա, կերթա հրաժեշտ տալու թագավորին, թագուհուն և թագաժառանգուհուն, և երբ որ առաջին երկուսին մնաք բարով կասի, նրան կհաղորդեն, որ տիրուհի արքայադուստրը իրեն վատ է զգում և չի կարող նրան ընդունել։ Ասպետը գլխի կընկնի, որ դրա պատճառը անջատումի վիշտն է։ Նրա սիրտը կտոր֊կտոր կլինի, և նա մեծ ճիգ գործ կդնի իր տվայտանքը պարզ չդրսևորելու համար։ Իսկ սպասուհի֊բարեկամը այդ ամենը տեսնում ու վազելով պատմում է իր տիրուհուն։ Սա՛ էլ նրան դիմավորում է արցունքն աչքերին և ասում է, թե ի՜նչ տաժանելի է, որ չգիտի, թե իր ասպետն ով է և թագավորական ցեղի՞ց է նա արդյոք, թե՞ ոչ։ Սպասուհին հավատացնում է նրան, որ միմիայն ազնվազարմ, թագավորական ցեղի մարդը կարող է այդքան քաղաքավարի, ազնիվ ու արի լինել, ինչքան այդ ասպետը։ Վշտացած արքայադուստրը հանգստանում է և վճռում սփոփվել, որպեսզի ծնողների կասկածը չհարուցի, ուստի և երկու օրից դարձյալ մարդամեջ է դուրս գալիս։ Իսկ ասպետն արդեն գնացել է։ Նա մարտնչում է պատերազմի դաշտում, հաղթում է թագավորի թշնամիներին, նվաճում է բազմաթիվ քաղաքներ, բազմաթիվ մարտերից դուրս է գալիս հաղթական, վերադառնում է արքունիք, հանդիպում է պայմանավորված տեղում իր իշխանուհուն և համաձայնության գալիս նրա հետ, որ ինքը կխնդրի նրա ձեռքը, իբրև իր ծառայության պարգև։ Թագավորը չի համաձայնում կատարել նրա խնդիրքը, որովհետև չգիտե, թե ով է նա։ Սակայն չնայած դրան, փախցնելու կամ ուրիշ միջոցով ասպետն ամուսնանում է թագաժառանգուհու հետ, և թագավորը հետագայում այդ մեծ բախտավորություն է համարում իր համար, որովհետև իմանում է, որ այդ ասպետը հզոր թագավորի որդի է, իսկ թե ինչ թագավորության, ես չգիտեմ, որովհետև համարում եմ, որ քարտեզի վրա մեկ է, չի լինի։ Թագավորը մահանում է, թագաժառանգուհին ժառանգում է նրան և ահա, կարճ՝ ասպետը թագավոր է դառնում։ Այստեղ ահա հասնում է զինակրին և այդպիսի բարձր դիրք հասնելու նրան բոլոր օգնողներին պարգևներ շնորհելու ժամը։ Նա ամուսնացնում է զինակրին թագաժառանգուհու սպասուհու հետ, ավելի շուտ նրա հետ, որ նրանց սիրային գործերում միջնորդ է եղել, և սա՛ էլ հզոր մի դքսի աղջիկ է դուրս գալիս։ | ||
+ | |||
+ | ― Շիտակ՝ հենց այդ էլ պետք է ինձ, անկեղծ, ― բացականչեց Սանչոն։ ― Եվ ես հավատում եմ, որ ամեն ինչ հենց այդպես էլ կպատահի, բառ առ բառ, քանի որ ձերդ ողորմածությունը Տխուր Պատկերի Ասպետ է կոչվում։ | ||
+ | |||
+ | ― Կարող ես չկասկածել, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև թափառական ասպետներ բարձրանում և բարձրացել են թագավորական կամ կայսերական գահ այն միջոցով և այն աստիճաններով, որ ես քեզ պատմեցի։ Հիմա մեզ մնում է միայն, թե ինչ քրիստոնեական կամ հեթանոսական թագավոր է պատերազմ մղում և գեղեցիկ աղջիկ ունի։ Սակայն դրա մասին խորհելու ժամանակ մենք դեռ կունենանք, որովհետև, ինչպես ես քեզ ասացի, առաջ, քան արքունիք գնալը մենք պետք է ուրիշ տեղերում հռչակվենք։ Սակայն ինձ մի քանի բան պակասում է։ Որովհետև, եթե ենթադրելու էլ լինենք, որ պատերազմ մղող և գեղեցիկ աղջիկ ունեցող թագավոր կգտնվի և ենթադրենք, որ ես ողջ տիեզերքում անօրինակ հռչակ եմ հանել, ինչպե՞ս անենք, որ ես թագավորական ցեղից սերած լինեմ, կամ, գոնե կայսեր երրորդական եղբայրը լինեմ։ Չէ՞ որ թագավորը չի կամենա իր աղջկան ինձ մարդու տալու, նախքան չհամոզվի որ այդպես է, անգամ եթե իմ փառավոր սխրագործությունները ավելի արժանի լինեին։ Եվա ահա՛, ես վախենում եմ, որ այդ պակասության պատճառով ես կկորցնեմ իմ ձեռքի արիությամբ վաստակած պարգևները։ Ճիշտ է, ես սերում եմ հին ու հայտնի ազնվական ցեղից, հող ու կալվածի տեր եմ և վիրավորանքի համար կարող եմ հինգ հարյուր սուելդո<ref>Հին իսպանացիների օրենքների համաձայն (օրենքներ որոնք սկիզբ են առնում դեռևս գոթական թագավորների դարաշրջանից՝ VI-VIII դարերում) մեծազարմ ծագում ունեցող մարդը իրեն պատճառած ծանր վիրավորանքի համար կարող էլ պահանջել 500 սուելդո։</ref> պահանջել։ Անգամ հնարավոր է, որ այն իմաստունը, որ կգրի իմ պատմությունը, այնքան մանրամասն կհաստատի իմ ծննդաբանությունն ու ծագումը, որ ես դուրս կգամ հինգերորդ կամ վեցերորդ պորտում թագավորի թոռ։ Որովհետև, պետք է քեզ ասած, Սանչո, ազնվականությունն աշխարհիս երեսին երկու եղանակով է ձեռք բերվում, ոմանք իրենց ծագումը սկսում ու համարում են իշխաններից և միապետներից, որոնց տոհմը ժամանակի ընթացքում անկման է ենթարկվել և նեղացել, կտրած պիրամիդի նման, ոմանք էլ ստոր ցեղից են ծագում, որի սերունդը բարձրանալով մեկ աստիճանից մյուսը, վերջապես ազնվական կալվածատերեր են դառնում։ Այսպիսով, նրանց տարբերությունն այն է, որ ոմանք դադարել են այն լինելուց, ինչ եղել են, իսկ մյուսները դառել են այն, ինչ երբեք չեն եղել։ Եվ շատ հնարավոր է, որ ստուգումից հետո դուրս կգա, որ իմ տոհմի սկիզբը մեծ ու փառավոր է եղել, և թագավորը, ով էլ նա լինի, իմ ապագա աները, դրանով միանգամայն բավարարված կլինի։ Իսկ եթե բավարարվելու չլինի, միևնույն է, թագաժառանգուհին ինձ այնքան սաստիկ կսիրի, որ հոր կամքին հակառակ և անգամ եթե նա ստույգ տեղյակ լինի, որ ես ջրկիրի որդի եմ, նա ինձ իր ամուսինն ու տերը կճանաչի։ Իսկ եթե ոչ, ինձ մի միջոց էլ կմնա՝ փախցնել նրան և տանել ուր որ խելքս փչի, և ժամանակը կամ մահը վերջ կտան նրա ծնողների ցասումին։ | ||
+ | |||
+ | ― Այստեղ շատ տեղին կլինի հիշել, ― ասաց Սանչոն, ― անխիղճ մարդկանց առածը՝ «Մի խնդրիր այն, ինչ որ կարող ես ուժով առնել», թեև այստեղ ավելի հարմար կգա մի ուրիշը՝ «Ավելի լավ է ցանկապատի վրայով թռչել֊անցնել, քան զուր տեղը գլուխ տալ»։ Ասելս այն է, որ եթե սինյոր թագավորը՝ ձերդ ողորմածության աները, չհամաձայնի տիրուհի թագաժառանգուհուն ձեզ մարդու տալ, ապա մեզ, ինչպես ձերդ ողորմածությունն է ասում, ուրիշ բան չի մնա, այլ եթե փախցնել նրան ու տանել ուրիշ տեղ։ Ցավն այն է միայն, որ մինչև դուք չհաշտվեք թագավորի հետ և խաղաղությամբ չտիրանաք թագավորությանը, խեղճ զինակրիս կմնա միայն ատամ սրել պարգև ստանալու։ Այն էլ կա, որ գուցե սպասուհի միջնորդը, որի հետ նա կամուսնանա, կգնա թագաժառանգուհու հետևից և նրա հետ նա տխուր ժամանակը մլուլ կանի, մինչև որ աստված նրան ուրիշ, ավելի լավ բան տա։ Որովհետև, թվում է ինձ, ասպետը կարող է այդ աղջկան տալ նրան ի կնություն անհապաղ կերպով։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞վ կարող է խանգարել, ― ասաց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ― պատասխանեց Սանչոն, ― մնում է, որ մենք մեզ պահ տանք տեր Աստծուն և հավատանք բախտին, իսկ բախտը մեզ ուղիղ ճամփով կտանի։ | ||
+ | |||
+ | ― Տերը թող կատարի իմ ցանկությունը և բավարարի քո կարիքը, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Իսկ ով որ ուզում է ոչնչություն լինել, թող ոչնչություն մնա։ | ||
+ | |||
+ | ― Տա աստված, ― ասաց Սանչոն։ ― Ես հին քրիստոնյա եմ և կոմս դառնամ ինձ այդ էլ հերիք է։ | ||
+ | |||
+ | ― Ավելի քան հերիք է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Եթե դու հին քրիստոնյա էլ չլինեիր, այդ էլ կարևոր չէ։ Հենց որ ես թագավոր դառնամ, ես քեզ ազնվական կդարձնեմ ― և դու պարտավոր չես լինի դրա համար ո՛չ վճարել, ո՛չ ծառայել ինձ։ Իսկ որ կոմս դառնաս, ահա՛ դու արդեն ասպետ ես և թող մարդիկ ասեն՝ ինչ որ կամենան, իսկ ամեն մարդ ուզենա֊չուզենա, քեզ պարտավոր կլինի սինյոր անվանել։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք կարծում, ես խոզ չե՞մ կարող ունենալ, ― հարցրեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Դու ուզում ես ասել տիտղոս և ոչ թե խոզ, ― նկատեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Թող այդպես լինի, ― ասաց Սանչո Պանսան։ ― Կարծում եմ, որ կկարողանամ նրա հետ վարվել․ ես իմ կյանքում մի անգամ մի միաբանության պահապան եղած կամ և պահապանի շորն ինձ շատ սազում էր, այնպես որ բոլորն ասում էին, որ իմ արտաքին ունեցողը կարող է և միաբանության աբբահայր լինել։ Արի տես, թե ի՜նչ կդառնա, որ ես ուսերիս դուքսի վերնարկ գցեմ և զարդարվեմ ոսկով ու մարգարիտով, ինչպես օտարերկրացի կոմսերը։ Հավատացած եմ, որ հարյուր մղոնի հեռավորությունից կգան ինձ տեսնելու համար։ | ||
+ | |||
+ | ― Այո․ տեսքդ շատ լավ կլինի, ― ասաց դոն Կիխոտը, ― միայն թե պետք կլինի շուտ֊շուտ մորուքդ ածիլել, թե չէ շատ թավն է, մազը խճճված ու չսանրած և եթե առնվազն օրըմեջ ածելիով քերելու չլինես, ամեն ոք թնդանոթ ձգելու հեռավորությունից քո ծագումը կտեսնի։ | ||
+ | |||
+ | ― Դա մի մեծ բան չէ, ― պատասխանեց Սանչոն, ― մի դալլաք է ― կվարձեմ ու ռոճիկով կպահեմ մոտս։ Իսկ հարկավոր գա՝ կհրամայեմ, որ հետևիցս գա, ինչպես գոմապահները՝ աղաների հետևից։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ աղաներին գոմապահներ են հետևում։ | ||
+ | |||
+ | ― Իսկույն կասեմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Մի քանի ամիս առաջ ես մեկ ամիս մայրաքաղաքում մնացի ու այնտեղ մեկ սինյոր տեսա, որ շատ կարճահասակ էր,<ref>Այստեղ և շարունակության մեջ թարգմանության չենթարկվող բառախաղ է, grande նշանակում է և՛ «գրանդ», և՛ «բարձր, բարձրահասակ», դրան հակադրվում է pequeno ― փոքրիկ, ցածլիկ։</ref> թեև նրա մասին ասում էին, թե շատ հարուստ տղա է։ Նա շարունակ զբոսնում էր, իսկ նրա հետևից, որտեղ էլ գնալու լիներ, ձիով մի մարդ էր գնում ― ճիշտ և ճիշտ նրա պոչը լիներ։ Ես հարցրի, ինչո՞ւ այդ մարդը երբե՛ք չի հավասարվում նրան, այլ միշտ նրա հետևն է մնում։ Ինձ պատասխանեցին, թե ձիավոր մարդը նրա գոմապահն է, որ զբոսնում է և որ աղաներն այդպիսի սովորություն ունեն, որ իրենց մշտական ուղեկցեն գոմապահները։ Այն պահից ես այդ բանը այնպես լավ մտքումս պահեցի, որ այլևս երբեք չեմ մոռանա։ | ||
+ | |||
+ | ― Այո, դու արդարացի ես, ― ասաց դոն Կիխոտը, ― և դու կարող ես հետդ դալլաք ման ածել։ Սովորույթները միանգամից չեն գոյացել և միաժամանակ չեն հնարվել, ուստի միանգամայն հնարավոր է, որ դու առաջին կոմսը լինես, որ ման է գալիս իր դալլաքի ուղեկցությամբ։ Համ էլ միրուք վեր անողը ավելի վստահելի մարդ է, քան ձի թամքողը։ | ||
+ | |||
+ | ― Դալլաքի մասին ես ինքս կհոգամ, ― ասաց Սանչոն, ― իսկ դուք, ձերդ ողորմածություն, հոգացեք, որ թագավոր դառնաք, որպեսզի ինձ կոմս կարգեք։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ կանեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը և բարձրացնելով աչքերը, տեսավ այն, ինչի մասին կպատմենք հետևյալ գլխում։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXII== | ||
+ | |||
+ | Այն մասին, թե ինչպես դոն Կիխոտը ազատություն տվեց բազմաթիվ թշվառների, որոնց տանում էին հակառակ նրանց կամքի այնտեղ, ուր որ նրանք չէին ուզում գնալ | ||
+ | |||
+ | |||
+ | Արաբական և լամանչական գրող Սիդ Համետ Բենենխելին պատմում է իր շուրջ, բարձրաոճ, պարկեշտ, քաղցր ու մտածված պատմության մեջ, որ հռչակավոր դոն Կիխոտ Լամանչեցու և Սանչո Պանսայի միջև տեղի ունեցած զրույցից հետո հետո, որ շարադրված է քսանմեկերորդ գլխի վերջում, դոն Կիխոտը բարձրացրեց իր աչքերն ու տեսավ, որ իր դիմաց, նույն ճամփով, որով նրանք էին գնում, մոտ քսան մարդ էին շարժվում ոտով, որոնք, թազբեի պես, մեծ երկաթե շղթայի վրա էին շարված՝ նրանց պարանոցը շղթայված էր և բոլորն էլ ձեռքերին կապանք էին կրում։ Երկու ձիավոր և երկու փիադա մարդիկ նրանց ուղեկցում էին։ Ձիավորները զինված էին պատրույգավոր հրացաններով, իսկ փիադաները՝ նիզակներով ու թրերով։ Սանչոն նրանց տեսնելուն պես ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա տաժանակիր աշխատանքի դատապարտվածների շարան, թագավորական ստրուկների, որոնց տանում են թիանավերի վրա աշխատեցնելու։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե ստրուկներ, ― հարցրեց դոն Կիխոտը։ ― Հնարավո՞ր է միթե, որ թագավորը բռնության դիմի։ | ||
+ | |||
+ | ― Ես ա՛յդ չեմ ասում, ― պատասխանեց Սանչոն, ― այլ ուզում եմ ասած լինել, որ այդ մարդիկ, իրենց ոճրագործությունների համար դատապարտված են թիանավերի վրա բռնի ծառայության թագավորի համար։ | ||
+ | |||
+ | ― Մի խոսքով, այսպես թե այնպես, ― առարկեց դոն Կիխոտը, ― այս մարդկանց քարշ են տալիս և նրանք գնում են, ենթարկվելով բռնության և ոչ թե իրենց բարի կամքով։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես է, որ կա, ― պատասխանեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ― շարունակեց նրա տերը, ― հենց այստեղ է, որ ես պետք է կատարեմ իմ պարտականությունը՝ ոչնչացնեմ բռնությունը և նպաստեմ ու օգնեմ թշվառներին։ | ||
+ | |||
+ | ― Նկատի առեք, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― որ արդարադատությունը, այլապես ասած՝ ինքը թագավորը, ոչ թե բռնանում ու հալածում է այս մարդկանց, այլ միայն պատժում է նրանց ոճրագործությունների համար։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին տաժանակիր աշխատանքների դատապարտվածների շարանը մոտեցավ, և դոն Կիխոտը ամենասիրալիր արտահայտություններով խնդրեց պահակախմբից, որ բարի լինեն հայտնել և բացատրել իրեն պատճառը կամ պատճառները, թե ինչու են այդ մարդկանց նման կերպով տանում։ Պահակախմբից մեկը՝ ձիավորը, պատասխանեց, թե դրանք տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ են, նորին մեծության պատկանող մարդիկ և որ նրանց տանում են թիանավերի վրա աշխատեցնելու։ Ահա և ամենը, և ավելին իմանալու կարիք չունի նա։ | ||
+ | |||
+ | ― Այնուհանդերձ ես կկամենայի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― նրանցից ամեն մեկին հարց ու փորձ անել նրա դժբախտության պատճառի մասին։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերին նա այնքան սիրալիրություններ ավելացրեց, որպեսզի նրան մղած լինի իր խնդիրը կատարելու, որ վերջապես պահակախմբի երկրորդ ձիավորն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թեև մենք հետներս այս դժբախտների դատավճիռների լիակատար արձանագրությունները ստանում ենք, բայց հիմա ժամանակ չկա կանգ առնելու, թղթերը հանելու և կարդալու։ Ավելի լավ է, ձերդ ողորմածություն, մոտենաք նրանց ու հարց ու փորձ անեք, եթե նրանք ուզենան, իրենք կպատմեն ձեզ, իսկ նրանք անշուշտ կուզենան, որովհետև այս տղաների համար ավելի մեծ բավարարվածություն չի լինի, քան մուռտառություն անել կամ պատմել մուռտառ բաներ։ | ||
+ | |||
+ | Ստանալով այս թույլտվությունը (առանց որի նա կարող էր շատ լավ յոլա գնալ), դոն Կիխոտը ձին քշեց շարանի մոտ և հարցրեց առաջին տաժանակիր աշխատանքի դատապարտվածից, թե ի՞նչ մեղքերի համար է այդպիսի ցավի մեջ ընկել։ Սա պատասխանեց, որ ընկել է, որովհետև սիրահարված է եղել։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե, միայն ու միայն դրա՞ համար, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Եթե բոլոր սիրահարվածներին թիանավերի վրա քշելու լինեին, ապա ես վաղուց հետև պիտի թիանավի վրա թիավարելիս լինեի։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունն այն սիրո մասին չի խոսում, ― պատասխանեց դատապարտվածը։ ― Իմ սերն այն տեսակ էր, որ ես սպիտակեղենով մի կողովի վրա էի սիրահարված և այնպիսի կրքով էի այն սեղմել կրծքիս, որ եթե արդարադատությունը ուժով խլած չլիներ, ես մինչև օրս հոժարակամ չէի բաժանվի նրանից։ Ես բռնվեցի տեղն ու տեղը, ուստի տանջանք գործադրելով հարցաքննելու կարիք չեղավ և իմ գործով վճիռ կայացավ՝ մտրակով հարյուր հարված տվին մեջքիս, սրա վրա էլ երեք տարի գուրապ։<ref>Գողերի խոսվածքից վերցրած բառ։</ref> | ||
+ | |||
+ | ― Գուրապն ի՞նչ բան է, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Գուրապը թիանավ է, ― պատասխանեց դատապարտվածը։ | ||
+ | |||
+ | Դա մոտ քսանչորս տարեկան մի տղա էր, իր ասելով ծնված Պիյեդրաիտում։ Նույն հարցով դոն Կիխոտը դիմեց երկրորդին, բայց սա տխուր ու տրտում, շարունակում էր քայլել և ոչ մի խոսք չէր պատասխանում։ Նրա փոխարեն պատասխանեց առաջինը․ | ||
+ | |||
+ | ― Սրան, սինյոր, նրա համար են աքսորում, որ դեղձանիկ է եղել, այլ խոսքով երգիչ և երաժիշտ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե, ― դարձյալ հարցրեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե երգիչ ու երաժիշտներն էլ են թիանավ քշում։ | ||
+ | |||
+ | ― Այո, սինյոր, ― պատասխանեց տաժանակիրը, ― ավելի վատ բան չի լինի, քան տագնապի պահին երգելը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես հակառակն եմ լսել, ― առարկեց դոն Կիխոտը, ― «ով որ երգում է, նրան դժբախտություն չի հասնում»։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այստեղ այլ կերպ է դուրս գալիս, ― ասաց տաժանակիրը, ― ով որ մի անգամ երգի, այլևս ողջ կյանքը արցունք կթափի։ | ||
+ | |||
+ | ― Բան չեմ հասկանում, ― հայտարարեց դոն Կիխոտը։ Սակայն այստեղ պահակախմբից մեկն ասաց նրան․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր կաբալյերո, այս ամբարիշների լեզվով տագնապի պահին երգելը կնշանակի՝ տանջանքով կատարած հարցաքննության միջոցին խոստովանելը։ Այս հանցագործին տանջել են և նա խոստովանել է իր ոճիրը։ Նա անասուն փախցնող է եղել, այսինքն, ամեն տեսակ անասուն է գողանալիս եղել և երբ որ նա խոստովանել է, նրան վեց տարով թիանավերի վրա աշխատանքի են կտրել, վրան էլ երկու հարյուր մտրակի հարված հասցրել, հետքը նրա մեջքի վրա է արդեն։ Նա մտախոհ ու վշտաբեկ զառանցում է, որովհետև մնացյալ խարդախները, որ նրա հետ գնում են, արհամարհում են նրան, նախատում, հոգին մաշում ու հալածում նրա խոստովանության համար, որ նա սիրտ չի ունեցել ուրանալու։ Որովհետև, ասում են նրանք, այո֊ն նույնքան տառ ունի, ինչքան և ոչ֊ը և որ յուրաքանչյուր հանցագործի համար մեծ շահ ունի այն, որ նրա կյանքն ու մահը կախված են ոչ թե վկաներից կամ փաստերից, այլ սեփական լեզվից։ Եվ ես կարծում եմ, որ նրանք բավական ճիշտ են դատում։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ նույն կարծիքի եմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | Ապա նա մոտեցավ երրորդին և նրանից էլ նույն բանը հարցրեց, ինչ որ առաջին երկուսից։ Սա առանց քաշվելու և ժիր կերպով պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ես հինգ տարով գնում եմ սինյոր գուբապների մոտ նրա համար, որ չունեի տասը դուկատ։ | ||
+ | |||
+ | ― Ես ամենայն սիրով ձեզ քսան դուկատ կտամ, միայն թե ձեզ այս դժբախտությունից ազատեմ, ― գոչեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Սա նման է այն մարդուն, ― պատասխանեց տաժանակիրը, ― որ ծովի մեջ նստել է նավի վրա և շատ փող ունի, իսկ ինքը սովամահ է լինոմ, որովհետև ուտելիք չի գտնում, որ գնի։ Ասելս այն է, որ եթե այն միջոցին ես ունենայի այդ քսան դուկատը, որ առաջարկում է ինձ ձերդ ողորմածությունը, նրանք կքսեի իմ քարտուղարի գրչին և կթարմացնեի իմ պաշտպանի ուղեղը և հիմա զբոսնելիս կլինեի Տոլեդոյի Սոկոդովեր հրապարակում և ոչ թե քարշ կգայի այս ճամփով, կապված այս ոհմակին, որպես վազկան շուն։ Բայց մեծ է Աստված, համբերություն՝ բավական է դրա մասին խոսելը։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը անցավ չորրորդին։ Դա մի պատկառելի արտաքինով մարդ էր, մինչև գոտին երկար ու ճերմակ միրուքով։ Լսելով, որ իրենից հարցնում են, թե ինչպես է այստեղ ընկել, նա լաց եղավ առանց մի բան պատասխանելու։ Բայց հինգերորդ տաժանակիրը, նրա թարգմանը հանդիսանալով, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այս պատկառելի մարդը դատապարտված է թիանավի վրա չորս տարի թիավարելու, իսկ նախապես նրան հանդիսավոր կերպով, ձիու վրա ման են ածել փողոցներով։ | ||
+ | |||
+ | ― Թվում է թե, ― ասաց Սանչո Պանսան, ― որ այլ կերպ ասած՝ նրան խայտառակության են հանել։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, ― շարունակեց տաժանակիրը, ― իսկ հանցանքը, որի համար նրան այդպես պատժեցին, այն է, որ նա եղել է միջնորդ ոչ այնքան բորսային, որքան սիրային գործերում։ Ավելի պարզ՝ կավատ է եղել, համ էլ մի քիչ կախարդ։ | ||
+ | |||
+ | ― Եթե նա մի քիչ կախարդ չլիներ, ― ասաց դոն Կիխոտը, ― այլ միմիայն կավատ,<ref>Հին Իսպանիայի արտոնյալ դասակարգերի կյանքի մեջ աչքի ընկնող դեր են խաղացել սիրային գործերի միջնորդները, որովհետև ընտանեկան կյանքի նահապետական բարքերը բացառում էին ամեն մի բացահայտ շփում տարբեր սեռերի երիտասարդության միջև։ Այդ «միջնորդների» մասին հենց նույնպիսի դրական գնահատական են տվել, ինչպես և նրանց հասարակական դերի վերաբերյալ համանման խորհրդածություններ են արտահայտել Խ․ դե Վերա֊Ի֊Ֆիգերոան («Ներբող կավատներին» գրքում՝ գրված XVI դարի վերջին, Լոպե դե Վեգան («Բարեկամ մինչ ի մահ» կոմեդիայում) և ուրիշները։</ref> նա պետք է ոչ թե թիանավի վրա թիավարեր, այլ ղեկավար և հրամանատար լիներ, որովհետև կավատի արհեստը հեշտ ու փլավ չէ։ Այդ գործը պահանջում է բավականին խելք և բարեկարգ պետության մեջ ծայր աստիճան անհրաժեշտ է։ Դրանով ամենալավ ծագումով մարդիկ պիտի զբաղվեին, և ավելորդ չէր լինի նրանց վրա տեսուչներ և վերահսկողներ նշանակել, ինչպես այդ ընդունված է այլ պաշտոնավարություններում և նրանց թիվը պետք է լինի խիստ սահմանափակ, ինչպես, օրինակ, բորսային միջնորդների թիվը։ Այդ եղանակով հնարավոր կլիներ բազմաթիվ չարաշահություններ վերացնել, որոնք ծագում են նրանից, որ այդ պատշտոնն ու արհեստը հիմար ու անկիրթ մարդկանց ձեռքն է ընկնում, ինչպես գրոշ չարժեցող կանանց, լակոտների և դատարկապորտների, որ չափազանց երիտասարդ ու անփորձ են․ դժվար վայրկյանին, երբ որ անհրաժեշտ է խելք բանեցնել, գդալը բերնի կողքովն են տանում և չեն իմանում, թե իրենց աջ ձեռքը որտեղ է։ Ես շատ բան կասեի ևս այդ առիթով և կշարադրեի ձեզ, թե ինչու պետության համար այդքան կարևոր պաշտոնի պետք է ընդունել մարդկանց մեծ ընտրությամբ, բայց այդ բոլորի համար տեղը հարմար չէ։ Երբևիցե ես կզեկուցեմ այդ այն մարդկանց, որոնցից կախված է այդ ամենը կարգի գցելն ու շտկելը։ Իսկ հիմա կասեմ միայն, որ շատ ցավալի էր ինձ համար իմանալ, որ ալեզարդ և տեսքով այդքան պատկառելի մի մարդ պատժի է ենթարկված կավատության համար, սակայն իմ ցավը չքացավ, հենց որ դուք ավելացրիք, թե նա կախարդ էլ է եղել, թեև ես շատ լավ գիտեմ, որ աշխարհիս երեսին կախարդ չկա և որ ոչ ոք չի կարող հրահրել կամ բռնանալ մեր կամքին, ինչպես կարծում են շատ պարզամիտ մարդիկ։ Որովհետև մեր կամքն ազատ է և ոչ մի բույս կամ բժժանք չի կարող բռնանալ նրա վրա։ Իհարկե, զանազան սնահավատ կանայք և խաբեբաներ կարող են խմոր ու խոտ եփել, որոնցով մարդկանց խելքահան են անում, կոխելով նրանց գլուխը, թե ի վիճակի են սիրել տալ, բայց, ինչպես ես արդեն ասացի, անկարելի է բռնանալ մարդկային կամքի վրա։ | ||
+ | |||
+ | ― Դուք միանգամայն արդարացի եք, ― ասաց բարի ծերունին, ― և հավատացնում եմ ձեզ, սինյոր, որ ոչ մի կախարդանքի մեղք չունեմ ես, գալով, թե կավատ եմ եղել՝ չեմ ժխտի։ Միայն թե ես երբեք չեմ կարծել, թե վատ բան եմ անում, որովհետև ես մեկ բան եմ ուզեցել՝ որ աշխարհիս երեսին բոլոր մարդիկ վայելք ունենան, ապրեն խաղաղ ու հանգիստ, առանց թշնամանքի ու տանջանքի։ Եվ բոլոր այս բարի ցանկությունները ահա թե ինչ պտուղ տվին, ինձ քարշ են տալիս այնպիսի տեղեր, որտեղից այլևս հույս չունեմ վերադառնալու, որովհետև ծանրաբեռնված եմ տարիքով, համ էլ միզափամփուշտս այնպես է ցավում, որ ոչ մի վայրկյան հանգիստ չունեմ։ | ||
+ | |||
+ | Այստեղ նա դարձյալ լաց եղավ և Սանչոյի մեղքն այնպես եկավ, որ գրպանից մի փոքրիկ ռեալ հանեց և տվեց դատապարտյալին՝ որպես ողորմություն։ | ||
+ | |||
+ | Իսկ դոն Կիխոտն անցավ հետևյալին և հարցրեց, թե ինչ է նրա հանցանքը։ Սա շատ ավելի ժիր պատասխանեց, քան նախընթացը։ | ||
+ | |||
+ | ― Ես նրա համար եմ այստեղ ընկել, որ չափազանց եռանդուն էի զվարճանում իմ երկրորդական քույրերի և երկու ուրիշ քույրերի հետ, որ արդեն իմը չէին։ Զվարճանք֊զվարճանք և նրանով վերջացավ, որ իմ արյունակցական կապերն այնպես խճճվեցին, որ ինքը սատանան էլ հիմա գլուխ չի հանի։ Բանը բացվեց, ոչ ոք ինձ չպաշտպանեց, փող չունեի և ես արդեն վճռեցի, որ կախաղան կելնեմ։ Ինձ դատապարտեցին թիանավի վեց տարով․ ես չվիճեցի՝ մեղավոր եմ ― մեղավոր եմ։ Բայց ես երիտասարդ եմ, կյանքը դեռ առջևս է և ամեն ինչ մի կերպով կդրստվի։ Եթե ձերդ ողորմածությունը կարող է որևէ բանով մեզ օգնել, Աստված դրա համար ձեզ կվճարի երկնքում, իսկ մենք այստեղ՝ երկրի վրա, անդադար կաղոթենք ձերդ ողորմածության կյանքի և առողջության համար․ թող Աստված ձեզ երկար կյանք տա և բարի առողջություն, ինչպես դուք արժանի եք։ | ||
+ | |||
+ | Խոսողը ուսանողի զգեստ էր կրում, և պահակախմբից մեկը հայտնեց նրա մասին, թե նա մեծ ճարտասան է և լատիներեն լավ իմացող է։ | ||
+ | |||
+ | Ամենավերջինը՝ մոտ երեսուն տարեկան մարդ էր՝ շատ հրապուրիչ արտաքինով, թեև շիլ աչքերով։ Նա ուրիշների պես չէր կաշկանդված։ Նրա ոտին երկար շղթա կար, որ փաթաթված էր նրա ողջ մարմնին, իսկ վզին երկու երկաթե վզկապ կար՝ մեկը կպցրած էր շղթային, իսկ մյուսը, որ կոչվում է «հսկիր բարեկամին» կամ «բարեկամի ոտը», երկու երկաթե ձողերով գոտու մոտ միանում էր կապանքներին, որոնցով բռնված էին նրա ձեռքերը և կողպված էին ահագին կողպեքով, այնպես որ նա չէր կարող ձեռքը բերանը տանել, գլուխը թեքել և շրթունքը հասցնել ձեռներին։ Դոն Կիխոտը հարցրեց, թե ինչու այս մարդու կապանքներն ավելի շատ են։ Պահակը նրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Նրա համար, որ նա մենակ ավելի հանցանք է գործել, քան բոլոր մնացյալները միասին։ Համ էլ նա այն տեսակ լկտի ու ետ ընկածն է, որ բոլոր այդ շղթաներով կաշկանդելուց հետո էլ մենք հավատացած չենք և վախենում ենք, որ չլինի թե փախչի։ | ||
+ | |||
+ | ― Նրա հանցանքները որո՞նք են, ― հարցրեց դոն Կիխոտը, ― քանի որ նրան միմիայն թիանավի են դատապարտել։ | ||
+ | |||
+ | ― Նա տասը տարով է դատապարտված, ― պատասխանեց պահակը, ― իսկ դա միևնույն է՝ թե քաղաքացիական մահ։ Բավական է ձեզ ասեմ, որ այդ տղան հռչակավոր Խինես դե Պասամոնտեն է, իսկ այլ կերպ նրան անվանում են՝ Խինեսիլյո դե Պարապիլյա։ | ||
+ | |||
+ | ― Զգույշ, սինյոր, ― սկսեց խոսել տաժանակիրը, թողեք անուններ ու մականուններ տալը։ Իմ անունը Խինես է և ոչ թե Խինեսիլյո, և ես Պասամոնտեի ցեղից եմ՝ և ոչ թե Պարապիլյայի, ինչպես ձերդ ազնվությունն է պնդում։ Դուք լավ կանեիք ձեր ցեղի մասին մտածեիք, շատ հետաքրքրական բաներ կբանայիք։ | ||
+ | |||
+ | ― Սուս, սինյոր, առաջին կարգի ավազակ, ― պատասխանեց կոմիսարը, ― թե չէ ես քեզ կլռեցնեմ, ուզենաս թե չուզենաս։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ են ասում, ― պատասխանեց դատապարտվածը, ― որ ամեն ինչ Աստծու կամքից է կախված։ Բայց կգա ժամանակ, և ոմանք կիմանան, թե իմ անունը Խինեսիլյո դե Պարապիլյա է, թե չէ։ | ||
+ | |||
+ | ― Չէ՞որ մարդիկ քեզ այդպես են կոչում, սրիկա, ― հարցրեց վերակացուն։ | ||
+ | |||
+ | ― Կոչելը կոչում են, ― պատասխանեց Խինեսը, ― բայց ես կստիպեմ նրանց, որ ինձ այդպես չկոչեն, թե չէ ես կփետեմ նրանց մազերը այն տեղերում, որոնց անունը տալը անհարմար է։ Սինյոր կաբալյերո, եթե դուք մեզ մի բան տալու եք՝ դե շուտ տվեք և գնացեք ձեր ճամփան։ Մեզ ձանձրացրին ձեր հարց ու փորձերը ուրիշի գործերի մասին։ Իսկ եթե կամենում եք ինձնից բան իմանաք, ահա՝ ես Խինես դե Պասամոնտեն եմ, և իմ կենսագրությունը ես ահավասիկ այս մատներովս գրել եմ։ | ||
+ | |||
+ | ― Այդ նա ճիշտ է ասում, ― նկատեց պահակը։ ― Նա, իրոք, նկարագրել է իր կյանքը, այն էլ այնպես, որ ավելի լավ անկարելի է, միայն թե գիրքը մնացել է բանտում, նա գրավ է դրել երկու հարյուր ռեալով։ | ||
+ | |||
+ | ― Բայց ես այն հետ կգնեմ, ― ասաց Խինեսը, ― թեկուզ ստիպված լինեմ վճարել երկու հարյուր դուկատ։ | ||
+ | |||
+ | ― Այդքան լա՞վն է, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Այնքան լավը, որ Լապարիլյո դե Տորմեսն էլ և բոլոր նման գրքերն էլ, որ երբևիցե գրված էին, կամ գրված կլինեն, չեն հասնի նրան։ Կասեմ միայն ձերդ ողորմածությանը, որ նրա մեջ ամեն ինչ ճշմարիտ է և այնքան գրավիչ ու զվարճալի է, որ ոչ մի հերյուրանք նրան չի հասնի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ վերնագիրն ի՞նչ է, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Խինես դե Պասամոնտեի կյանքը, ― պատասխանեց դատապարտվածը։ | ||
+ | |||
+ | ― Եվ ավարտվա՞ծ է, ― դարձյալ հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս կարող է ավարտված լինել, ― պատասխանեց Խինեսը, ― եթե իմ կյանքը դեռևս չի վերջացել։ Գրքում նկարագրված է ամբողջ իմ կյանքը՝ սկսած ծնունդիցս մինչև այն վայրկյանը, որ վերջին անգամ թիանավ ընկա։ | ||
+ | |||
+ | ― Ասել է թե՝ թիանավի վրա էլի՞ եք եղել, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ծառայելով Աստծուն ու թագավորին՝ ես անցյալ անգամ չորս տարի անց կացրի նրանց վրա և քարթու հացի ու մտրակի համը գիտեմ, ― պատասխանեց Խինեսը։ ― Սակայն ես այնքան էլ չեմ վշտանում, որ նորից եմ այնտեղ գնում։ Գրելու դեռ շատ բան է մնացել, իսկ իսպանական թիանավերի վրա աշխատողը այնքան ազատ ժամանակ է ունենում, որ չի իմանում ինչ անի։ Ասենք, իմ գրությունների համար շատ ժամանակ հարկավոր չի գա, որովհետև ես ամեն բան անգիր գիտեմ։ | ||
+ | |||
+ | ― Ղոչաղ տղա ես, ― ասաց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Եվ դժբախտ, ― ավելացրեց Խինեսը, ― որովհետև դժբախտությունը միշտ խելքը գլխին մարդկանց է հալածում։ | ||
+ | |||
+ | ― Դժբախտությունը անպիտաններին է հալածում, ― ընդհատեց պահակը։ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն ձեզնից խնդրեցի, սինյոր պահակ, ― ասաց Խինեսը, ― որ զգույշ լինեք։ Այս գավազանը խեղճերին կեղեքելու համար չեն հանձնել ձեզ, այլ նրա համար, որ մեզ տանեք և հասցնեք թագավորի նշանակած տեղը, թե չէ գետինը մտնեմ․․․ էլ մինչև վերջ չեմ ասում։ Լաքաները, որ դուք պանդոկում գցեցիք, միք անհանգստանա, կլվացվեն֊կանցնեն։<ref>Մի քանի մեկնաբաններ ցանկացել են տեսնել այստեղ ակնարկ ինչ֊որ ճանապարհային միջադեպի մասին, որ տեղի է ունեցել տաժանակիրների և կոմիսարի միջև, սակայն ավելի ճիշտ է, որ դա պարզապես մի առած է այն իմաստով, որ յուրաքանչյուր վիրավորանքի սպասում է հատուցում (սպասիր, հախիցդ կգան)։</ref> Ուստի թող ամեն ոք սուս անի, մարդավարի ապրի, ավելի լավ բառեր ընտրի։ Եվ եկեք առաջ գնանք՝ զվարճացանք և հերիք է։ | ||
+ | |||
+ | Պահակը գավազանը քաշեց, որ խփի Պասամոնտեին, նրա սպառնալիքի համար։ Սակայն դոն Կիխոտը կանգնեց նրանց միջև և խնդրեց դատապարտյալին չծեծել։ Ի՞նչ մի մեծ բան է, եթե ամուր կապված ձեռներով մարդու լեզուն մի քիչ արձակ լինի։ Ապա նա դարձավ դատապարտվածների շարանին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այն ամենից, ինչ որ դուք ինձ պատմեցիք, թանկագին եղբայրներ, ես պարզ հասկացա հետևյալը՝ թեև դուք պատժված եք ըստ արժանվույն, սակայն առաջիկա պատիժը, ինչպես երևում է, ձեզ շատ էլ դուր չի գալիս և դուք թիանավերի վրա եք գնում մեծ դժկամությամբ և հակառակ ձեր կամքի։ Շատ հնարավոր է, որ ձեր կորստյան պատճառը եղել է՝ մեկինը՝ փոքրոգությունը հարցաքննության տանջանքի միջոցին, մյուսինը՝ փողի պակասությունը, երրորդինը՝ հովանավորների բացակայությունը, չորրորդինը՝ դատավորների անարդար վճիռը։ Ահա՛ թե ինչու ճշմարտությունը, որ ձեր կողմն է եղել, չի հաղթանակել։ Բոլոր այդ հանգամանքները իմ միտս են գցում և ասում, համոզում ու անգամ հարկադրում ինձ ցույց տալու ձեզ, թե ինչ նպատակով է Աստված ինձ աշխարհ բերել, հրամայել, որ հարեմ ասպետական ուխտին, որի մեջ եմ նեկայիս, և ուխտ անել, որ պաշտպանելու եմ աշխարհիս զորավորերի կողմից բոլոր զրկվածներին ու կեղեքվածներին։ Բայց ես գիտեմ ― և դա խոհեմության կանոններից մեկն է, ― որ պետք չէ ուժ գործ դնել այնտեղ, որտեղ ամեն ինչ կարելի է խաղաղ դրստել, ուստի ես նախապես կհարցնեմ սինյոր պահակներից՝ չե՞ն հաճի արդյոք նրանք արձակել ձեր կապանքներն ու բաց թողնել խաղաղությամբ։ Որովհետև միշտ կգտնվեն մարդիկ, որ պատրաստ կլինեն ծառայելու թագավորին և առավել նպաստավոր պայմաններում, իսկ ինձ սաստիկ խստասրտություն է թվում ստրուկ դարձնել նրանց, որոնց Աստված ու բնությունը ազատ են ստեղծել։ Առավել ևս, սինյոր պահակներ, ― ավելացրեց դոն Կիխոտը, ― որ այս դժբախտները ձեր դեմ չեն մեղանչել։ Թո՛ղ յուրաքանչյուրը ի՛ր մեղքը տանի՝ կա Աստված երկնքում, և նա արթուն պատժում է չարության և պարգևատրում բարության համար, իսկ ազնիվ մարդիկ պետք չէ, որ ուրիշների համար դահիճ դառնան, մանավանդ որ նրանց հետ ոչ մի գործ չունեն։ Ես խնդրում եմ ձեզնից մեղմությամբ ու հեզությամբ, որպեսզի տեղիք լինի ձեզ շնորհակալ լինելու, եթե դուք իմ խնդիրքը կատարելու լինեք։ Իսկ եթե դուք հոժարակամ կատարելու չլինեք, այս նիզակը և թուրը և իմ բազկի զորությունը կհարկադրեն որ անեք հակառակ ձեր ցանկության։ | ||
+ | |||
+ | ― Այս ի՜նչ հիմար կատակ է, ― բացականչեց պահակներից մեկը։ ― Տեսեք թե ի՜նչ դատարկ բաներ է դուրս տալիս։ Նա կամենում է, որ մենք բաց թողնենք պետական հանցագործներին, կարծես թե մենք ունենք իշխանություն նրանց կապանքներն արձակելու, իսկ ինքը ունի իրավունք մեզ նման հրամաններ տալու։ Գնացեք, ձերդ ողորմածություն, բարով֊խերով, համ էլ ձեր գլխի ամանն ուղղեցեք և միք որոնի կատվի հինգերորդ ոտը, սինյոր։ | ||
+ | |||
+ | ― Դուք ինքներդ եք կատու, անասուն և գարշելի, ― գոչեց դոն Կիխոտը և այս խոսքերով այնպիսի արագությամբ հարձակվեց նրա վրա, որ նա ժամանակ չունեցավ պատրաստվելու հարվածին և գետին գլորվեց՝ սաստիկ ջարդված նիզակի հարվածից։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի բախտը բերեց, որովհետև հենց այդ պահակն էր զինված պատրույգավոր հրացանով։ Մնացածները շփոթվեցին և գլուխները կորցրին այդպիսի անսպասելի եղելությունից։ Բայց ուշքի գալով ձիավորները հանեցին թրերը, իսկ ֆիադաները՝ նիզակները և բոլորը միասին հարձակվեցին դոն Կիխոտի վրա, որ նրանց սպասում էր մեծ պաղարյունությամբ։ Եվ, անշուշտ, նրա բանը բուրդ կլիներ, եթե տաժանակիրները, տեսնելով, որ նրանց ազատվելու առիթ է ներկայանում, իրենց բոլոր ուժերը չլարեին և չխորտակեին իրենց կաշկանդող շղթաները։ Իրարանցում տիրեց։ Պահակները չգիտեին, թե ինչ անեն՝ տաժանակիրների վրա՞ հարձակվեն, որ կամաց֊կամաց ազատվում էին, թե՞ նրանց վրա տվող դոն Կիխոտից պաշտպանվեն, և, ընդհանրապես, դրանից բան դուրս չէր գալիս։ Իսկ Սանչոն այդ պահին օգնեց Խիմես դե Պասամոնտեին կապանքները արձակել և նա, շթայազերծ եղավ թե չէ, մոտ վազեց վայր ընկած պահակին, խլեց նրա ձեռքից հրացանն ու թուրը և սկսեց հերթով դեմ անել պահակներին մեկ թրի բերանը, մեկ հրացանի բերանը։ Սակայն հրացան արձակելը գլուխ չեկավ, որովհետև շուտով ռազմի դաշտում ոչ մի թշնամի չմնաց՝ նրանք բոլորն էլ փախուստ էին տվել Պասամոնտեի հրացանից և մնացած դատապարտվածների քարկոծությունից։ Այդ հանգամանքը շատ վշտացրեց Սանչոյին, որովհետև նա վճռեց, որ փախածները ամեն ինչ կհասցնեն Սանտա Հերմանդադի ականջին, իսկ վերջինս ահազանգ կտա և կաշխատի վրա հասնել ոճրագործներին։ Նա այդ մասին հաղորդեց իր տիրոջը և սկսեց համոզել նրան՝ որքան կարելի է շուտ հեռանալ և այստեղից ոչ հեռու գտնվող լեռնային կիրճերի խորքերում պատսպարվել։ | ||
+ | |||
+ | ― Լավ, ― ասաց դոն Կիխոտը, ― ես գիտեմ, թե մենք հիմա ինչ պիտի անենք։ | ||
+ | |||
+ | Ապա նա հավաքեց տաժանակիրներին, որոնք անկարգ այս ու այն կողմ էին գնացել, նախապես կողոպտելով պահակին և թողնելով մորեմերկ։ Բոլորը եկան և շրջան կազմեցին սպասելով նրա հրամանին, և դոն Կիխոտն այսպես սկսեց․ | ||
+ | |||
+ | ― Երախտապարտ մարդիկ միշտ շնորհակալ են լինում իրենց բարերարներին։ Ոչ մի մեղք այնքան չի զայրացնում Աստծուն, ինչքան ապերախտությունը։ Ասելս այն է, սինյորներ, որ դուք նոր, սեփական փորձով համոզվեցիք, որ ես ձեր բարերարն եմ։ Փոխարենը ես ցանկանում եմ ― և այդ է իմ կամքը, ― որ դուք դնեք ձեր ուսերին շղթաները, որոնցից ես ձեզ ազատեցի, և անհապաղ ճամփա ընկնեք և գնաք Տաբոսո քաղաքը։ Այնտեղ դուք կներկայանք տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն և կասեք նրան, թե նրա Տխուր Պատկերի Ասպետը ողջույն է ուղարկում նրան և ապա բոլոր մանրամասնություններով կպատմեք նրան այն փառավոր արկածի մասին, որին դուք պարտավոր եք ձեր ըղձալի ազատագրությամբ։ Այդ անելուց հետո դուք կարող կլինեք գնալ բարով, ուր որ կամենաք։ | ||
+ | |||
+ | Բոլոր դատապարտվածների փոխարեն Խինես դե Պասամոնտեն պատասխանեց՝ խոսելով այսպես․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր փրկիչ, ոչ մի կերպ հնարավոր չէ կատարել այն, ինչ որ ձերդ ողորմածությունը մեզ հրամայում է, որովհետև կարելի չէ, որ մենք բոլորս միասին գնանք միևնույն ճամփով։ Մենք կբաժանվենք, և յուրաքանչյուրը մենակ կերթա իր կողմը և կաշխատի երկրագնդի ծոցում թաքնվել, որպեսզի Սանտա Հերմանդադի ձեռը չընկնի, որ, անկասկած, մեր ետևից կընկնի։ Սակայն ձերդ ողորմածությունը կարող էր ահա թե ինչ անել ― և դա արդարացի կլիներ։ Փոխանակ տիրուհի Դուլսինեային այցելելու և ողջունելու, հրամայեցեք որոշ թվով Ave Maria և Credo ասել, և մենք կասենք և կաղոթենք ձերդ ողորմածության համար, որովհետև այդ բանն իրագործելի է ցերեկով է՛լ, գիշերն է՛լ, փախուստի պահին է՛լ, հանգստյան միջոցին է՛լ, խաղաղության ժամանակ է՛լ, կռվի ատեն է՛լ։ Սակայն երևակայել, թե մենք հիմա կվերադառնանք մեր եգիպտական կաթսաների քով, այսինքն՝ մեր շղթաներին և ճամփա կընկնենք Տաբոսո, միևնույն է՝ թե կարծել, որ հիմա գիշեր է, երբ որ, իրոք, դեռ առավոտյան ժամի տասը չկա և խնդրել մեզնից այդ բանը ― միևնույն է՝ թե ծփիի ծառի վրա տանձ որոնես։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն՝ երդվում եմ ես, ― գոչեց դոն Կիխոտը տաքացած, ― դոն անպիտան, դոն Խինեսիլյո դե Պարոպիլյո կամ ինչ որ է ձեր անունը, դուք մենակ կերթաք այնտեղ պոչերդ ձեզ քաշած և ձեզ վրա քարշ կտաք ողջ շղթան։ | ||
+ | |||
+ | Պասամոնտեն շատ էլ համբերողներից չէր (համ էլ նա նկատել էր, որ դոն Կիխոտի խելքը տեղը չէ՝ չէ՞ որ նա այնպիսի անմտություն էր հնարել, ինչպես տաժանակիր աշխատանքի դատապարտվածներին բաց թողնելը), ուստի լսելով մեր ասպետի վիրավորական խոսքերը, նա աչքով արեց իր ընկերներին, և նրանք բոլորն էլ մի կողմ քաշվեցին։ Եվ դոն Կիխոտի վրա քարերի մի այնպիսի կարկուտ տեղաց, որ նա չէր կարողանում ծածկվել վահանով, իսկ խեղճ Ռոսինանտը խթաններն այլևս չէր զգում, ասես թե բրոնզից շինած լիներ։ Սանչոն թաքնվեց իր էշի հետևը և այդպիսով պաշտպանվեց կարկուտից, որ տեղում էր երկուսի վրա էլ։ Ինչքան էլ դոն Կիխոտը խույս էր տալիս հարվածներից, դարձյալ մի քանի քար այնպիսի ուժով դիպավ նրան, որ նա վայր ընկավ, ուսանողը հարձակվեց նրա վրա, պոկեց նրա գլխից լագանը, որով երեք֊չորս անգամ խփեց մեր ասպետի մեջքին, ապա նա նույնքան անգամ գետին խփեց, այնպես որ ջարդ ու փշուր արեց։ Ապա դատապարտյալները հանեցին նրա վրայից կապան, որ նա զրահների վրայից էր հագնում և ուզում էին գուլպաներն էլ քաշել հանել, բայց նրա ոտի զրահները խանգարեցին։ Նրանք խլեցին Սանչոյի վերնարկը և թողին վրայի շորը։ Վերջապես իրար մեջ բաժանելով մնացած ռազմական ավարը՝ նրանք ցրվեցին ամեն մեկը իր կողմը, հոգալով միայն, որ կարողանան փախչել ահասաստ Սանտա Հերմանդադից, և բնավ չմտածելով շղթան իրենց ուսերի վրա գցել և տիրուհի Դուլսինեա Տոբոսցու մոտ գնալ։ | ||
+ | |||
+ | Մնացին միայն էշն ու Ռոսինանտը, Սանչոն ու դոն Կիխոտը։ Էշը մնացել էր կանգնած, գլուխը մտախոհ քաշ արած և ժամանակ առ ժամանակ թափ տալով ականջները, երևի երևակայելով, թե քարե կարկուտը դեռ չի պրծել, որովհետև նրա ականջները դեռ խշխշում էին։ Ռոսինանտը պառկած է գետնին, իր տիրոջ կողքին, որովհետև քարերի հարվածները նրան էլ էին տապալել։ Սանչոն, որ զրկվել էր իր վերնարկից, դողդողում էր Սանտա Հերմանդադի ահից, իսկ դոն Կիխոտը խորապես վշտացած էր, որ իրենից բարերարված մարդիկ այնքան վատ վարվեցին հետը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXIII== | ||
+ | |||
+ | Այն մասին, թե ինչ պատահեց հռչակավոր դոն Կիխոտին Սյերա֊Մորենում, այլ կերպ ասած՝ ամենահազվադեպ արկածներից մեկի մասին, որ զրուցում է այս ճշմարտապատում պատմությունը | ||
+ | |||
+ | |||
+ | Տեսնելով, թե ինքն ի՜նչ ցավալի դրության մեջ է ընկել, դոն Կիխոտն ասաց իր զինակրին․ | ||
+ | |||
+ | ― Շատ անգամ ես լսել եմ, Սանչո, որ կոպիտ մարդկանց լավություն անելը ― միևնույն է, թե ջուր ածես ծովը։ Եթե ես հավատայի քո խոսքերին, այս անախորժությունից խուսափած կլինեի։ Բայց քանի որ եղածը եղել է, համբերենք և աշխատենք խելք ու խրատ սովորել։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունը խելք ու խրատ կսովորի, ― պատասխանեց Սանչոն, ― երբ որ ես թուրք դառած կլինեմ։ Բայց քանի որ դուք ասում եք, թե եթե ինձ հավատայիք, այդ աղետից խուսափած կլինեիք, ապա հավատացեք հիմա, և դուք վատթարագույնից կխուսափեք։ Որովհետև, կզեկուցեմ ձեզ, Սանտա Հերմանդադի դեմ ձեզ չի օգնի ձեր ասպետությունը։ Սանտա Հերմանդադը բոլոր թափառական ասպետներին կոտրված գրոշով չի գնի։ Գիտե՞ք ինչ, ինձ արդեն թվում է, թե նրա նետերը բզզում են հենց իմ ականջների կողքով։ | ||
+ | |||
+ | ― Դու բնականից վախկոտ ես, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Բայց որպեսզի դու ասած չլինես, թե ես համառ եմ և երբեք չեմ անում այն, ինչ որ դու ինձ խորհուրդ ես տալիս, այս անգամ ես կհետևեմ քո խորհրդին և կհեռանամ ցասումից, որից դու այնքան վախենում ես, բայց մի պայմանով միայն՝ դու երբեք, ո՛չ կենդանի, ո՛չ մահից հետո ոչ ոքի չես ասի, թե ես՝ երկյուղից խույս տվի և հեռացա այս վտանգից, որովհետև ես այդ միմիայն նրա համար եմ անում, որ անսում եմ քո աղաչանքներին։ Իսկ եթե դու որևէ այլ բան ասելու լինես, դու կստես,<ref>Հայտարարում, որ դու ստում ես ― երդման ավանդական ձև։</ref> և ես այսօրվանից մինչ ա՛յն օրը և ա՛յն օրից մինչև հիմա երեսովդ եմ տալիս քո սուտը և հայտարարում, որ դու ստում ես և կստես ամեն անգամ, երբ այդպես խորհելու կամ խոսելու լինես։ Եվ մի՛ առարկիր ինձ, որովհետև միայն այն միտքը, թե ես հեռանում ու խուսափում եմ վտանգից, որ, գուցե և կարող է ներշնչել երկյուղի ստվերը, կարող է ինձ պահել այստեղ և ես մեն֊մենակ կսպասեմ ոչ միայն սուրբ միաբանությանը, որի մասին դու սարսափով ես խոսում, այլև Իսրայելի տասներկու սերունդի եղբայրներին, Մակաբայեցի յոթ եղբայրներին, այլև Կաստորին և Պոլլուքսին և բոլոր եղբայրներին ու միաբանություններին, որ աշխարհիս երեսին գոյություն ունեն։ | ||
+ | |||
+ | ― Սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― հեռանալ չի նշանակի փախչել, իսկ սպասել թշնամուն, երբ որ վտանգը գերազանցում է բոլոր ենթադրությունները, ― կատարյալ խելագարություն է։ Խոհեմությունը պահանջում է, որ մարդս իրեն պահպանի այսօր վաղվան համար և ամեն ինչ թղթի վրա վեր չգալ մեկ օրում։ Եվ իմացած եղեք, թեև ես տգետ եմ և գեղջուկ, այնուամենայիվ շատից֊քչից գլուխ եմ հանում, թե խելացի վարքը որն է, ուստի մի ափսոսա, որ լսեցիք իմ խորհուրդը՝ հեծեք Ռոսինանտը, եթե միայն ի վիճակի եք, իսկ եթե չեք կարող ապա ես ձեզ կօգնեմ և եկեք իմ հետևից, որովհետև իմ խելքն այնպես է կտրում, որ հիմա մեզ ոտները ձեռներից ավելի են հարկավոր։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը ոչ մի խոսք չառարկեց․ ձի հեծավ և հետևեց Սանչոյին, որ էշով էր գնում։ Շուտով նրանք հասան Սյերրա֊Մորենա, որ հեռու չէր։ Սանչոն ծրագիր ուներ սարերն անցնելու, հասնելու Վիսո կամ Ալվադոմար դել Կամպո և այնտեղ մի քանի օր թաքնվել լեռներում, որպեսզի հետապնդության դեպքում Սանտա Հերմանդադը նրանց գտնել չկարողանա։ Այդ մտադրությունը պաշտպանվում էր այլև այն հանգամանքով, որ տաժանակիր դատապարտվածների հետ ունեցած տուրուդմբոցից հետո նրա ուտելիքների ողջ պաշարը որ նա տանում էր իր էշի վրա, մնացել էր անվնաս, մի բան, որ նրան հրաշք էր թվում, որովհետև տաժանակիրները քրքրել և խլել էին, ինչ որ կարողացել էին։ | ||
+ | |||
+ | Իրիկնադեմին նրանք հասան Սյերրա֊Մորենայի խորքերը, և Սանչոն ենթադրում էր այստեղ անց կացնել գիշերը և էլի մի քանի օր, համենայն դեպս՝ նստել այստեղ, մինչև որ պաշարը կսպառվի։ Նրանք տեղավորվեցին գիշերելու կաղնիների տակ՝ երկու ժայռի արանքում։ Սակայն ճակատագրական բախտը, որ ճշմարիտ հավատի լույսը չճանաչողների կարծիքով ամեն ինչ ղեկավարում, գոյացնում և ուղղում է, այնպես դասավորվեց, որ հռչակավոր գող ավազակ Խինես դե Պասամոնտեն, որ դոն Կիխոտի արիության և խելագարության շնորհիվ ազատվել էր կապանքներից, Սանտա Հերմանդադի երկյուղից վճռել էր (իսկ նա բավականաչափ հիմք ուներ Սանտա Հերմանդեդից երկյուղ կրելու) թաքնվել այս լեռներում և պատահմամբ, դեռ մութը չընկած, երկյուղը նրան բերեց նույն տեղը, որտեղ թաքնվել էին դոն Կիխոտն ու Սանչո Պանսան։ Իսկույն նրանց ճանաչելով, նա սպասեց, մինչև որ նրանք քնեն։ Եվ որովհետև չարագործները միշտ ապերախտ են լինում, իսկ անհրաժեշտությունը մղում է անթույլատրելի գործեր կատարելու, և ներկայիս շահը ավելի գրավիչ է լինում, քան շահն ապագայում, ― բոլոր այս պատճառներով Խինեսը, որ ո՛չ երախտապարտության զգացմունքով էր աչքի ընկնում, ո՛չ էլ բարեմտությամբ, վճռեց Սանչո Պանսայի էշը գողանալ (Ռոսինանտին հանգիստ թողեց, որովհետև այդ ավարը նրան անպետք էր թվում թե՛ վաճառքի, թե՛ գրավ դնելու համար)։ Սանչո Պանսան քնած էր։ Խինեսն էշը գողացավ։ Եվ լույսը դեռ չբացված նա այնքան հեռու էր փախել, որ նրան գտնելն արդեն անկարելի էր։ | ||
+ | |||
+ | Արշալույսը բացվեց, արար աշխարհին ուրախություն բերեց, իսկ Սանչո Պանսային՝ տխրություն, որովհետև նրա գորշ ավանակը նրա հետ չէր։ Եվ ահա, նկատելով կորուստը, նա ամենաաղեկտուր ու ցավագին հոգոցներ սկսեց հանել, այնպես որ նրա ձայնից արթնացավ դոն Կիխոտը և լսեց այսպիսի խոսքեր․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, իմ սիրասուն զավակս, իմ սեփական տանը ծնված, իմ երեխաների զվարճալիքը, իմ կնոջ խնդությունը, իմ հարևանների նախանձը, օ՜, իմ աշխատանքներին ուրախություն տվողը, իմ անձի ողջ կեսի կերակրողը, որովհետև այն քսանվեց մարավեդիսը, որ օրական աշխատում էիր, իմ ապրուստի կեսն էր։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը, լսելով այս ողբը և իմանալով նրա պատճառը, սկսեց կարյաց չափ մխիթարել Սանչոյին, խնդրելով, որ համբերի և խոստանալով թուղթ տալ, որով նա կարող է ստանալ իր տանը մնացած հինգ էշերից երեքը։ Դա մխիթարեց Սանչոյին։ Նա սրբեց արցունքը, զսպեց հեծկլտոցը և շնորհակալություն հայտնեց դոն Կիխոտին նրա ցույց տված ողորմածության համար։ | ||
+ | |||
+ | Այնինչ դոն Կիխոտը հենց որ լեռներն ընկավ, իսկույն ցնծաց, որովհետև այդ տեղերը նրան թվացին շատ հարմարավոր արկածներ որոնելու համար։ Նրա միտքն էին գալիս հրաշալի եղելություններ, որ պատահել են թափառական ասպետներին նման ամայի և դժնի վայրերում։ Եվ նա այնպես էր հարբած ու հափշտակված իր այդ մտքերով, որ գնում էր՝ ամեն ինչ աշխարհիս երեսին մոռացած։ Իսկ Սանչոն, վերջապես իրեն անվտանգ զգալով, միայն այն էր խորհում, թե ինչպես հագեցնի իր ստամոքսը պաշարով, որ մնացել էր վանականների բեռներից։ Այսպես նա քարշ էր գալիս իր տիրոջ հետևից, շալակած այն ամենը, ինչ որ պիտի գորշ ավանակը տաներ և հա՛ հանում էր պարկից կտորներ և կոխում բերանը։ Նա ոչ մի գրոշ չէր տա որևէ արկածի համար, հենց այսպես թափառելը նրան ամենից հաճելի բանն էր թվում։ | ||
+ | |||
+ | Հանկարծ նա աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իր տերը կանգ է առել և աշխատում է նիզակի ծայրով ինչ֊որ կապոց բարձրացնել, որ ընկած էր գետնին։ Նա արագ մոտեցավ, որպեսզի բան է, թե իր օգնությունը պետք լինի, օգնի և մոտենալով տեսավ, որ դոն Կիխոտը նիզակի ծայրով մի պայուսակ է բռնել, որին կապած էր մի ճամպրուկ։ Նրանք կիսով չափ փտել էին կամ, ավելի լավ կլինի ասել, բոլորովին փտել ու քրքրվել էին, բայց այնքան ծանր էին, որ Սանչոն վեր եկավ ավանակից,<ref>Այստեղ Սերվանտեսը թույլ է տալիս անհետևողականություն, նա կարծես թե մոռացել է, որ որ Սանչոյի էշը գողացել է Խինեսը։ Այս սխալը կրկնվում է քիչ ստորև՝ նույն գլխում, նաև XXV և XXVII գլխում։</ref> որ բարձրացնի։ Դոն Կիխոտը հրամայեց, որ նա նայի, թե ինչ կա ճամպրուկի մեջ։ Սանչոն կատարեց մեծ արագությամբ և թեև ճամպրուկը կապած էր շղթայով և կողպած կողպեքով, այնուամենայիվ Սանչոյին հաջողվեց տեսնել նրա բովանդակությունը ― այնքան նա փտած ու ջարդված էր։ Մեջը նուրբ հոլանդական կտավից չորս շապիկ կար և այլ շքեղ և բոլորովին մաքուր սպիտակեղեն, իսկ թաշկինակի մեջ փաթաթված բավական քանակությամբ ոսկի դրամ կար։ Տեսնելով դրամը՝ Սանչոն բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալություն երկնքին, որ մեզ այսքան շահավետ արկած է ուղարկել։ | ||
+ | |||
+ | Ապա նա սկսեց քրքրել և գտավ մի հուշատետր, շքեղ կազմով։ Դոն Կիխոտը հրամայեց Սանչոյին տետրը տալ իրեն, իսկ փողը պահել իրեն։ Սանչոն համբուրեց նրա ձեռները, շնորհակալ լինելով նվերի համար և, հանելով ճամպրուկից ճերմակեղենը, տեղավորեց իր պարկի մեջ, որտեղ պաշարն էր դրված։ Դոն Կիխոտը տեսնելով այդ, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, Սանչո, ասենք՝ այլ կերպ չի էլ կարող լինել, որ այս լեռներով ինչ֊որ մոլորված ճամբորդ է անցնելիս եղել և, երևի ավազակները հարձակվել և սպանել են նրան, իսկ դիակը բերել են այստեղ, որպեսզի թաքուն տեղում թաղեն։ | ||
+ | |||
+ | ― Այդ չի կարող լինել, ― առարկեց Սանչոն, ― որովհետև եթե ավազակներ լինեին, նրանք փողը չէին թողնի։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― բայց ես չեմ կարող հասկանալ և լուծել, թե ինչ է դա։ Սպասիր, թերևս այս հուշատետրում գրված լինի մի բան, որ մեզ շիտակ ճամփան հանի և բացատրի մեզ այն, ինչ մենք ուզում ենք իմանալ։ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Արդյոք Ամո՞ւրն է խակամիտ, այնքան չար | ||
+ | Եվ անողորմ․․․ թե՞ վշտերն այս անամոք, | ||
+ | Որ սրտիցս կորզում են լաց ու մորմոք, | ||
+ | Ունեն, ավա՜ղ, ուրիշ սկիզբ ու պատճառ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Սակայն չէ՞ որ Ամուրն աստված է հզոր, | ||
+ | Աստված պիտի լինի բարի, կարեկից․․․ | ||
+ | Էլ ո՞վ հապա տվեց ինձ վերք ու կսկիծ | ||
+ | Եվ տվայտանք՝ այսքան քա՜ղցր ու ահավոր։ | ||
+ | |||
+ | |||
+ | Թե ասեմ՝ դուք Թի՛լի, այդ ճիշտ չի լինի, | ||
+ | Քանզի մեկ տեղ չեն լինի չարն ու բարին․․․ | ||
+ | Բայց երկինքն էլ չի առաքել վիշտն այս ինձ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Մի բան գիտեմ, մի բան է լոկ ինձ հայտնի, | ||
+ | Որ օրեցօր մոտենում եմ իմ շիրմին, | ||
+ | Եվ հրա՜շքը ինձ կփրկի այս ցավից։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | ― Այս ոտանավորից բան չի իմացվի, ― ասաց Սանչոն, ― բայց թե միգուցե այս թելը բռնելով մենք կարողանանք ողջ կծիկը քանդել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ որտե՞ղ է թելը, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվաց, ― պատասխանեց Սանչոն, ― թե ձերդ ողորմությունը ինչ֊որ թելի մասին կարդաց։ | ||
+ | |||
+ | ― Թելը չէր, այլ Թիլի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այդպես է կոչվում երևի այն տիկինը, որից այս սոնետի հեղինակը գանգատվում է։ Եվ, ազնիվ խոսք, նա վարպետ բանաստեղծ է, եթե ես բանաստեղծությունից մի բան հասկանում եմ։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՜ս, ձերդ ողորմածությունը բանաստեղծությունի՞ց էլ է գլուխ հանում, ― հարցրեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Ավելի, քան դու ենթադրում ես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Դու կհամոզվես, երբ որ ես քեզ իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն տանելու համար կտամ նամակ՝ վերից վար ոտանավորով գրած։ Որովհետև, Սանչո, պետք է իմացած լինես, որ անցյալի գրեթե բոլոր թագավորական ասպետները մեծ գուսաններ են եղել և մեծ երաժշտագետներ, որովհետև այդ երկու ունակությունը, կամ ավելի լավ կլինի ասել, այդ երկու շնորհը, միշտ հատուկ են եղել սիրահարված թափառական ասպետներին։ Ճիտ է, որ հին ասպետների ոտանավորներում ավելի կրակ կար քան արհեստ։ | ||
+ | |||
+ | ― Կարդացեք տեսնենք, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― թերևս մեջը այնպիսի բան գտնվի, որ բավարարի մեր հարցասիրությունը։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը էջը շուռ տվեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սա արձակ է և, կարծեմ, նամակ։ | ||
+ | |||
+ | ― Պետակա՞ն, ― հարցրեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Սկզբից դատելով՝ սիրահարական է, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածություն, բարձր կարդացեք, ― խնդրեց Սանչոն, ― ես սաստիկ սիրում եմ սիրահարական գործերը։ | ||
+ | |||
+ | ― Սիրով, ― պատասխանեց դոն Կիխոտը և Սանչոյի խնդրանոք բարձր կարդաց հետևյալը․ | ||
+ | |||
+ | |||
+ | «Քո սուտ խոստումները և իմ անսուտ վիշտը ստիպում են ինձ հեռանալ այն տեղերը, որտեղից քո ականջին ավելի շուտ կհասնի իմ վախճանի լուրը, քան իմ տվայտանքի ձայնը։ Դու լքեցիր ինձ, անզգա՛, նրա համար, որ ինձնից հարուստ է, բայց ո՛չ ավելի արժանավոր։ Եթե առաքինությունը գնահատվեր որպես մեծ գանձ, ես հարկադրված չէի լինի ուրիշի երջանկությանը նախանձելու և իմ չարաբաստիկ օրը ողբալու։ Այն, ինչ կառուցել է քո գեղեցկությունը, քանդել է քո վարմունքը։ Քո գեղեցկությունն ինձ հավատացրեց, թե դու հրեշտակ ես, իսկ քո վարմունքը ցույց տվեց, որ դու կին ես։ Մնա խաղաղությամբ, իմ տագնապի մեղապարտ, և թող երկնքին հաճելի լինի, որ քո ամուսնու ուխտադրժությունը երբեք չբացվի և դու հարկադրված չլինես զղջալու քո արածի համար, իսկ ինձ՝ վրեժ լուծած լինելու, որ չեմ տենչում»։ | ||
+ | |||
+ | |||
+ | Կարդալով նամակը՝ դոն Կիխոտն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այս նամակից ավելի քիչ բան կարելի է հետևցնել, քան ոտանավորից։ Մի բան պարզ է, որ գրողը ինչ֊որ մերժված սիրահար է։ | ||
+ | |||
+ | Թերթելով ամբողջ հուշատետրը, նա ուրիշ ոտանավորներ ու նամակներ էլ գտավ, որոնցից մի քանիսը նրան հաջողվեց կարդալ, իսկ մի քանիսը՝ ոչ։ Բոլորի մեջ գանգատ կար, հեծեծանք, տրտունջ, խնդություն ու տրտմություն։ Ողորմածությունները գովաբանվում էին և դաժանությունը ողբվում։ Մինչդեռ դոն Կիխոտը աչքի էր անց կացնում տետրը, Սանչոն զննում էր ճամպրուկն ու պայուսակը, և այնպիսի ծակ ու ծուկ չմնաց, որ նա ձեռք չկոխեր, չքրքրեր, չհետազոտեր։ Նա քանդում էր բոլոր կարերը, հանում միջից բրդի յուրաքանչյուր ծվեն, վախենալով անփութությունից կամ եռանդի պակասությունից մի բան բաց թողնել։ Ահա՛ թե ինչ եռանդ էր ներշնչել նրան հարյուր չերվոնեցի գյուտը։ Եվ թեև նա գտածից ավելի ոչ մի չերվոնեց չգտավ, այնուամենայիվ, նա որոշեց, որ զուր չէր կրել և՛ թռիչքները վերմակի վրա, և լուծողական դեղ ընդունելը, և՛ օրհնությունը մահակներով, և՛ ջորեպանի մուշտե դատաստանը, և՛ պայուսակի կորուստը, և՛ վերնարկի կորուստը, և՛ քաղցը, և՛ ծարավը, և՛ հոգնությունը, որ նա կրեց, ծառայելով իր բարի տիրոջը՝ այդ ամենի համար նա ավելի քան բավական վարձատրված էր ողորմածությամբ դոն Կիխոտի, որ նվիրեց նրան այս գտածոն։ | ||
+ | |||
+ | Տխուր Պատկերի Ասպետը սաստիկ ուզում էր իմանալ, թե ճամպրուկն ումն է։ Սոնետի, նամակի, չերվոնեցների և շատ լավ շապիկների հիման վրա նա ենթադրում էր, որ այդ ամենի տերը ազնվական մարդ է, ինչ֊որ տիկնոջ սիրահարված, և սիրած կնոջ արհամարհական և խստասիրտ վերաբերմունքը նրան հասցրել էր ինչ֊որ հուսահատական քայլի։ Սակայն այս լեռնային կիրճերում մարդ չկար, որից նա մեկնություն խնդրեր, ուստի նա, առանց երկար և բարակ խորհելու առաջ գնաց ուղիով, որ ընտրել էր Ռոսինանտը, որը այնտեղով էր գնում, որտեղ նրա համար ավելի հարմար էր։ Դոն Կիխոտին տիրել էր հաստատ հավատ, որ այս խուլ ու խոր վայրերում պատահելու է մի զարմանալի արկած։ | ||
+ | |||
+ | Խորասուզված այս մտքերի մեջ՝ նա մի փոքրիկ սարի կատարին հանկարծ, դեմ առ դեմ ինչ֊որ մարդ տեսավ, որ արտասովոր արագությամբ թռչում էր մեկ ժայռից մյուսը, մեկ թփից մյուսը։ Նրան թվաց, թե մարդը մերկ է, որ նա թավ ու սև մորուք ունի, մի խուրձ գզգզված մազեր, մերկ ոտներ ու ծնկներ։ Նրա ազդրերը ծածկված էին վարտիքով, ըստ երևույթին, շեկ թավշից, որ վաղուց հետև ցնցոտիի էր վերածվել, որի ծակուծուկերից երևում էր մերկ մարմինը։ Նա գլխաբաց էր։ Եվ թեև, ինչպես մենք արդեն ասացինք, նա սաստիկ արագությամբ սլացավ, այնուհանդերձ Տխուր Պատկերի Ասպետն այս բոլոր մանրամասնությունները տեսավ ու նկատեց։ Նա կամեցավ ընկնել անծանոթի հետևից, բայց չկարողացավ, որովհետև վատույժ Ռոսինանտը ի վիճակի չէր վազելու դար ու փոսերով, էլ չեմ ասում, որ բնականից նա համրաշարժ ու դանդաղկոտ էր։ Դոն Կիխոտի մտքով իսկույն անցավ, որ հենց այդ մարդն է պայուսակի ու ճամպրուկի տերը և վճռեց գտնել նրան, անգամ եթե հարկ լինի լեռներում դրա համար ամբողջ տարի թափառել, ուստի հրամայեց, որ Սանչոն վեր գա և լեռան մի կողով շրջի, մինչդեռ ինքը մյուս կողմից կգնա՝ թերևս այդպիսով նրանք մի կերպ հանդիպեն անծանոթին, որ այնպես հանկարծակի չքացավ նրանց աչքից։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ կարող այդ անել, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև հենց որ ես ձերդ ողորմածությունից հեռանում եմ, ահը բռնում է ինձ և հազար ու մի սարսափ և տեսիլ է վրաս բաց թողնում։ Առաջուց իմացած եղեք, որ ձեր անձից ես մեկ քայլ հեռու չեմ գնա։ | ||
+ | |||
+ | ― Էհ, դու գիտես, ― պատասխանեց Տխուր Պատկերի Ասպետը։ ― Ինձ համար շատ հաճելի է, որ դու իմ քաջության մեջ ես հենարան որոնում, որը քեզ չի լքի, անգամ եթե քո հոգին թողնելու լինի մարմինդ։ Հետևիր ինձ իմ հետքերով, կամ ինչպես կարող կլինես և թող քո աչքերը լապտերներ դառնան։ Մենք այս սարի շուրջը պտույտ կտանք և, գուցե, կհանդիպենք անծանոթին, որ, անտարակույս, ոչ այլ ոք է, քան եթե մեր գտած բաների տերը։ | ||
+ | |||
+ | Սանչոն դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ է՝ մենք նրան բոլորովին չորոնենք, որովհետև եթե մենք նրան գտնելու լինենք և դուրս գա, որ նա, իրոք, այդ փողերի տերն է, ապա պարզ է, որ ես հարկադրված կլինեմ տալու նրան, իսկ ավելի լավ կլինի, որ առանց գլխացավանքի ես այդ փողերը պահեմ ինձ համար։ Իսկ եթե առանց մեր ջանքի և որոնումի տերը, այնուամենայնիվ, դուրս գա, ապա, գուցե, մինչ այն ես փողը մսխած կլինեմ և այդ դեպքում ― չեղածը չի լինի։ | ||
+ | |||
+ | ― Դու մոլորվում ես, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Քանի որ մեր մեջ ենթադրություն է ծագել այդ առարկաների տիրոջ մասին, որը վայրկյանաբար երևաց, գուցե, մեր աչքերի առջև, մենք պարտավոր ենք նրան գտնելու և վերադարձնելու նրան իր գույքը։ Եվ եթե մենք նրան որոնելու էլ չլինենք ապա մեր հիմք ունեցող ենթադրությունը, որ հենց նա է իրերի տերը, մեզ մեղավոր է դարձնում ոչ պակաս, քան եթե մենք այդ բանում հավատացած լինեինք։ Ուստի, Սանչո բարեկամս, թող քեզ որոնումները չվշտացնեն, որովհետև եթե ես նրան գտնելու լինեմ, իմ հոգուց մեծ բեռ կընկնի։ | ||
+ | |||
+ | Այդ ասելով նա խթանեց Ռոսինանտին, իսկ Սանչոն քարշ եկավ նրա հետևից ոտով և բեռը շալակին, Խինեսիլյո դե Պասամոնտեի երեսից։ Եվ ահա շրջելով սարի մեծ մասը, նրանք վտակի ափին տեսան ընկած ու սատկած մի ջորի՝ փալանն ու նոխտան վրան։ Շները կիսով չափ կերել էին և ագռավները կտցահարել նրան։ Այդ առավել ևս հաստատեց նրանց այն ենթադրությունը, որ նրանցից փախած մարդը պայուսակի և ջորու տերն է։ | ||
+ | |||
+ | Այն վայրկյանին, երբ որ նրանք նայում էին լեշին, հանկարծ անակնկալ սուլոց լսվեց, որ նման էր հոտ պահպանող հովվի սուլոցի, և ձախ կողմից նրանք տեսան մեծ քանակությամբ այծեր, իսկ նրանց հետևում լեռան կատարին, երևան եկավ և ծեր այծապանը։ Դոն Կիխոտը ձայն տվեց, խնդրելով որ իջնի իրենց մոտ։ Սա, նույնպես ձայնով, հարցրեց, թե ինչպե՞ս են նրանք ընկել այսպիսի մի վայր, որտեղ գրեթե երբեք մարդկային ոտք չի դիպել և որտեղ միայն այծեր կան, գայլեր և այլ գազաններ։ Սանչոն նրան պատասխանեց, թե նրան կբացատրի, երբ որ նա իջնի։ Հովիվը իջավ և, մոտենալով դոն Կիխոտին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Գրազ կգամ, որ դուք մտիկ եք տալիս այս փոսում սատկած վարձու ջորուն։ Ճիշտն ասած՝ ահա վեց ամիս է, ինչ նա ընկած է այստեղ։ Ի դեպ, չի՞ հանդիպել ձեզ արդյոք ճամփին նրա տերը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, չի հանդիպել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց այստեղից ոչ հեռու մենք գտնաք նրա պայուսակն ու ճամպրուկը։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ տեսել, ― պատասխանեց հովիվը, ― բայց չվերցրի, նույնիսկ չմոտեցա։ Որովհետև ― ի՜նչ ցավս է, ― հետո կասեն, թե բան եմ գողացել։ Խորամանկ է սատանան և ոտիդ տակը այնպիսի բան կկոխի, որ ոտդ դեմ կառնի և վայր կընկնես, իսկ թե ինչպես և ինչու ― ինքդ էլ չես իմանա։ | ||
+ | |||
+ | ― Նույն բանն էլ ես եմ ասում, ― ասաց Սանչոն։ ― Ես էլ դեմ առա, միայն թե հրացան արձակելու հեռավորության էլ չմոտեցա։ Շատ հարկավորս է շունը, վզին էլ բոժոժ կապած։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք, բարի մարդ, ― հարցրեց դոն Կիխոտը, ― չգիտե՞ք արդյոք ո՞վ է այդ գույքի տերը։ | ||
+ | |||
+ | ― Ես այն գիտեմ միայն, ― պատասխանեց հովիվը, ― որ մի վեց ամիս առաջ, գուցե և ավելի, այստեղից մոտ երեք մղոն հեռավորության վրա գտնվող հովվի մի տնակ եկավ հաճելի դեմքով ու կազմվածքով մի երիտասարդ։ Նա եկավ այս իսկ ջորիով, որ սատկել֊ընկել է այստեղ, և հետը պայուսակ ու ճամպրուկ ուներ, որ դուք գտել և ձեռք չեք տվել։ Նա մեզնից հարցրեց, թե որտեղ կարելի է այս լեռներում ամենավայրի և անառիկ վայրը գտնել։ Մենք նրան մատնանիշ արինք այս կիրճը, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Եվ դա ճիշտ է՝ եթե դուք կես մղոն էլ խորը գնալու լինեք, դժվար թե այնտեղից դուրս գալու լինեք։ Ասենք՝ ես զարմանում եմ, թե ինչպես է հաջողել ձեզ գալ֊հասնել այստեղ։ Այստեղ ոչ մի ուղի, ոչ մի արահետ չի տանում։ Ուրեմն, ես շարունակում եմ․ լսելով մեր պատասխանը, երիտասարդը շուռ տվեց ջորու գլուխը և գնաց այն ուղղությամբ, որ մենք նրան ցույց տվինք, իսկ մենք բոլորս էլ հիանում էինք նրա նուրբ արտաքինով և զարմանում, թե ինչ արագությամբ նա սլացավ լեռները։ Այնուհետև մենք նրան այլևս չտեսանք։ Միայն մեկ անգամ, առաջին հանդիպումից մի քանի օր անց, նա դուրս վազեց ճամփի վրա այն վայրկյանին, երբ որ մեր հովիվներից մեկն անցնում էր և, առանց մի խոսք ասելու, հարձակվեց նրա վրա և, զորս դու պատվիրեցեր, ջարդեց նրան բռունցքներով, ապա թռավ քած էշի մոտ, որ պաշար էր կրում, վերցրեց ամբողջ հացը և պանիրը և այդ ամենն անելուց հետո արագությամբ չքացավ լեռներում։ Մեզնից մի քանիսը, իմանալով դրա մասին, գնացին նրան հետապնդելու և գրեթե երկու օր որոնեցին նրան ամենախուլ վայրերում, մինչև որ, վերջապես, գտան նրան՝ թաքնված մի մեծ ու զորավոր կաղնու փչակում։ Նա համեստաբար դուրս եկավ մեր դեմ։ Նրա շորերը պատառոտած էին, իսկ դեմքը տգեղացած և վառված արևից, այնպես որ մենք նրան դժվարությամբ ճանաչեցինք, բայց և այնպես մենք լավ մտքներումս պահեցինք նրա շորը, որ թեև ցնցոտի էր դառել, դարձյալ մենք գլխի ընկանք, որ նա մեր որոնած մարդն է։ Նա սիրալիր ողջունեց մեզ և կարճ ու շատ խելացի խոսքերով խնդրեց, որ մենք չզարմանանք, որ նա այդպիսի տարօրինակ կյանք է վարում։ Թե՝ նա պետք է այդպես ապրի, որովհետև ապաշխարհանք է դրել իր վրա իր մեծ մեղքերի համար։ Մենք խնդրեցինք, որ նա բաց անի մեզ, թե ով է ինքը, բայց մեզ այդ չհաջողվեց և գլուխ չեկավ։ Ապա մենք խնդրեցինք նրանից, որ երբ պաշարի կարիք ունենա, մեզ իմաց տա, թե որտեղ է ինքը գտնվում։ Չէ՞ որ նա առանց սնունդի չի կարող ապրել, իսկ մենք սիրով ու եռանդով նրան ամեն անհրաժեշտ բան կհասցնենք։ Իսկ եթե նա դրան էլ չի համաձայնում, ապա թող ինքը մեզնից պաշար խնդրի և ոչ թե բռնի խլի։ Նա շնորհակալություն հայտնեց մեր առաջարկի համար, ներողություն խնդրեց իր կատարած հարձակման համար և խոստացավ այսուհետև խնդրել հանուն Տեր Աստծու և ոչ ոքի այլևս վնաս չհասցնել։ Ապա նա ավելացրեց, որ մշտական ապաստան չունի և որ սովորաբար նա գիշերում է այնտեղ, որտեղ վրա է հասնում գիշերը։ Նա իր խոսքը այնպիսի ցավագին լացով ավարտեց, որ մենք քարե արձաններ կլինեինք, եթե, լսելով նրան, նրա հետ լաց չլինեինք։ Մենք մտաբերեցինք, թե ինչ տեսքով նա առաջին անգամ երևան եկավ մեր առջև և ինչ օրում ենք նրան հիմա տեսնում։ Որովհետև ես արդեն ասացի, որ նա շատ հրապուրիչ և վայելչակազմ երիտասարդ էր և նրա քաղաքավարի և նուրբ շարժուձևերից երևում էր, որ նա ազնվազարմ մարդ է և խորունկ կրթված։ Եվ թեև մենք բոլորս, որ լսում էինք նրան, գյուղացիներ էինք, այնուամենայնիվ, նրա ազնվությունն այնքան մեծ էր, որ գյուղացիներն էլ չէին կարող չնկատել այդ։ Եվ ահա իր ճառի մեջտեղում նա հանկարծ կանգ առավ և ասես սառավ։ Երկար ժամանակ նա նստած մնաց, աչքերը գցած գետնին, իսկ մենք բոլորս լուռ էինք և հուզմունքով սպասում էինք, թե ինչով կվերջանա նրա հմայվածությունը․ չէր կարելի առանց ցավի նայել նրան։ Իսկ նա չռում էր աչքերը, երկար հառում աչքերը գետնին, առանց թարթելու թարթիչները, իսկ հետո փակում էր աչքերը, սեղմում շրթունքները և կիտում հոնքերը։ Այդ ամենից դժվար չէր հետևցնել, որ խելագարության հարված է խփել նրան։ Եվ շուտով մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր ենթադրությունը ճիշտ է։ Նա նստել էր գետնին և հանկարծ սաստիկ կատաղությամբ վեր ցատկեց, հարձակվեց մի հովվի վրա, որ ամենից մոտ էր նրան, այն էլ այնպիսի ցասումով ու կատաղությամբ, որ եթե մենք մեր ընկերոջը պաշտպանած չլինեինք, նա կսպաներ նրան բռունցքներով և կհոշոտեր ատամներով։ Միաժամանակ նա գոռում էր․ «Ա՜, ուխտադրուժ Ֆերնանդո, հիմա դու կվճարես հասցրածդ վիրավորանքի համար։ Ես սեփական ձեռքերով կպոկեմ սիրտդ, որի մեջ բուն են դրել ու թաքնվել աշխարհիս երեսի բոլոր արատները, նա՛մանավանդ՝ սուտն ու նենգությունը։ Եվ շատ ուրիշ խոսքեր ասաց նա, անիծելով այդ Ֆերնանդոյին և նրա անվամբ խարանելով դավաճանին ու երդումնազանցին։ Մեծ դժվարությամբ մենք ազատեցինք մեր ընկերոջը, իսկ երիտասարդը հեռացավ մեզնից, այլևս ոչ մի խոսք չասելով և շուտով անհետացավ խոտ ու մացառուտի մեջ, փախչելով այնքան արագ, որ մենք չկարողացանք նրա հետևից հասնել։ Դրանից մենք հետևցրինք, որ խելագարությունը նրան մեկ֊մեկ է բռնում և որ երևի մի ոմն Ֆերնանդո նրան ինչ֊որ մեծ վիրավորանք է հասցրել, որ նրան այդ դրության է հասցրել։ Այդ ամենը հաստատվեց հետագայում և հաճախ, որովհետև նա հետո էլ շուտ֊շուտ ճամփի վրա էր դուրս գալիս՝ մեկ՝ հովիվներից պաշար ուզելու, որ սրանք բերում էին, մեկ՝ բռնի խլելով։ Որովհետև երբ որ նրա խելագարությունը բռնում է, նա սնունդ չի ընդունում, որ մեր հովիվները նրան հոժարակամ առաջարկում են, այլ խլում է բռնությամբ։ Իսկ երբ որ նրա խելքը տեղն է, նա քաղցր ու քաղաքավարի խնդրում է հանուն Տեր Աստծու և ջերմագին շնորհակալություն հայտնում, արցունք թափելով։ Եվ ահա, ճիշտն ասեմ ձեզ, սինյորներ, ― շարունակեց հովիվը, ― մենք երեկ որոշեցինք, ես և էլի չորս հովիվ (որոնցից երկուսը իմ բարեկամներն են, իսկ երկուսը՝ օգնականներ), որոնել այդ երիտասարդին, մինչև որ գտնենք։ Իսկ երբ որ գտնենք՝ տանենք նրան ուժով կամ նրա համաձայնությամբ Ալմոդո՛վար քաղաքը, որ այստեղից ութ մղոն հեռու է և այնտեղ բժշկել նրան, եթե այդ հիվանդությունը բուժելի է, կամ գոնե իմանալ, թե մինչև հիվանդանալը նա ո՞վ է եղել, ունի՞ արդյոք ազգականներ, որոնց կարելի է տեղեկացնել նրան հասած ցավի մասին։ Ահա ամենը, սինյորներ, ինչ որ ես կարող եմ ձեզ հաղորդել ի պատասխան ձեր հարցի։ Հավատացած եղեք, որ կիսամերկ մարդը, որ այդպիսի արագությամբ անցավ ձեր առջևից, ձեր տեսած ամբողջ գույքի տերն է (որովհետև դոն Կիխոտն արդեն նրան պատմել էր, թե ինչպես այդ մարդը վազեվազ անցավ իր առջևից լեռները)։ | ||
+ | |||
+ | Մեր ասպետը ապշած մնաց հովվի զրույցից և նրա մեջ ավելի սաստկացավ այդ դժբախտ խելագարի ով լինելն իմանալու ցանկությունը։ Ուստի նրա սկզբնական ցանկությունն առավել ամրապնդեց նրա մեջ՝ որոնել նրան լեռներում, առանց մի խորշ անգամ բաց թողնելու և մի քարանձավ, մինչև որ նրան գտնի։ Բայց բախտը ավելի լավ սարքեց, քան նա սպասում էր, որովհետև այդ իսկ վայրկյանին, հենց նրա դեմ առ դեմ, ժայռի ճեղքվածից հայտնվեց երիտասարդը, որին նա որոնում էր։ Նա ինչ֊որ խոսք էր մրթմրթում, որ անհնար էր հասկանալ ոչ միայն հեռվից, այլև մոտիկից։ Նա բոլորովին այնպես էր հագնված, ինչպես մենք նկարագրեցինք, սակայն երբ որ դոն Կիխոտը նրան ավելի մոտեցավ, նկատեց, որ նրա ծվեն֊ծվեն եղած կաշվե բաճկոնակը համպարով օծած կաշվից է կարած, մի բան, որից մեր ասպետը հետևցրեց, որ նման զգեստ հագնող մարդը չի կարող ստոր դասից ծագել։ | ||
+ | |||
+ | Երիտասարդը մոտենալով ողջունեց նրանց խուլ ու խռպոտ ձայնով, բայց և մեծ քաղաքավարությամբ։ Դոն Կիխոտը ոչ նվազ սիրալիրությամբ պատասխանեց նրա ողջույնին, ցած թռչելով Ռոսինանտից, մոտեցավ և շատ֊շատ սրտալի ու փաղաքուշ գրկեց նրան։ Նա այնքան երկար սեղմեց իր գրկում երիտասարդին, որ կարծես թե վաղուց հետև նրա բարեկամն է։ Անծանոթը, որին մենք կարող ենք անվանել Ողբակերպ Ցնցոտեկիր (ինչպես դոն Կիխոտն իրեն անվանեց Տխուր Պատկերի Ասպետ), թույլ տվեց, որ իրեն գրկեն, իսկ հետո, մի քիչ հեռացնելով իրենից դոն Կիխոտին, ձեռները դրեց նրա ուսերին և սևեռեց աչքերը, կարծես թե ուզում էր մտաբերել՝ ծանո՞թ է նրան, թե՞ ոչ։ Թվում էր, թե դոն Կիխոտի կերպարանքը, տեսքը և զենք ու զրահը նրա մեջ նույնպիսի զարմանք էին հարուցում, ինչպիսին նա ինքն էր հարուցանում մեր ասպետի մեջ։ Վերջապես Ցնցոտեկիրը, ազատվելով գրկախառնությունից, առաջինը խոսեց, իսկ թե ինչ ասաց, այդ կհաղորդվի ստորև։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXIV== | ||
+ | |||
+ | Սյերրա Մորենի արկածի շարունակությունը | ||
+ | |||
+ | |||
+ | Մեր պատմությունը զրուցում է, թե դոն Կիխոտը ուշի֊ուշով ունկնդրեց Սյերրայի<ref>Sierra ― նշանակում է «ատամնավոր գագաթներով լեռնաշղթա»։</ref> պատառոտած ասպետին, որը իր խոսքը այսպես սկսեց․ | ||
+ | |||
+ | ― Ով էլ դուք լինելու լինեք, սինյոր, ― որովհետև ես ձեզ չեմ ճանաչում, ― շնորհակալ եմ քաղաքավարության համար, որ դուք ցույց տվիք ինձ։ Ես կկամենայի երախտամատույց լինել ձեզ ոչ միայն սոսկ բարի ցանկությամբ այն մտերմության համար, որ դուք ցուցաբերեցիք իմ նկատմամբ, սակայն բախտը արգելում է վճարել ինձ ցույց տված բարեգործությունների համար ուրիշ բանով, քան թե անկեղծ պատրաստակամությամբ վարձատրելու նրանց փոխարեն։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այլ ցանկություն չունեմ, քան ծառայել ձեզ, և ես վճռել էի չլքել այս լեռները, մինչև որ ձեզ չգտնեմ և չիմանամ՝ չէ՞ր կարելի արդյոք մի կերպ բուժել այն վիշտը, որ ստիպել է ձեզ ընտրել այսքան տարօրինակ կենցաղավարություն։ Եվ եթե կարելի է, ապա ես կորոնեմ ձեր բուժումը ողջ հնարավոր եռանդով։ Իսկ եթե ձեր դարդը պատկանում է նրանց թվին, որ որևէ մխիթարության դուռը փակում են, ապա ես հուսով եմ օգնելու ձեզ, ի բոլոր սրտե լալով ու վշտանալով ձեզ հետ, որովհետև դարձյալ դարդոտ մարդու համար մխիթարանք է, երբ որ նրան մեկը ցավակցում է։ Եվ եթե իմ բարի ցանկությունները արժանի են շնորհակալության, ապա աղաչում եմ, սինյոր, հանուն այն մեծ քաղաքավարության, որով ինչպես ես տեսնում եմ, դուք աչքի եք ընկնում, այլև հանուն այն ամենի, ինչ որ դուք կյանքում սիրել կամ սիրում եք, ասացեք ինձ, ո՞վ եք դուք և ինչ պատճառով եք դուք սիրտ արել այս ամայի վայրերում ապրել ու մեռնել անբան անասունի պես։ Իսկ որ նման կյանքը ձեզ համար չի ստեղծված, այդ վկայում են թե՛ ձեր արտաքինը, թե՛ ձեր զգեստը։ Երդվում եմ, ― ավելացրեց դոն Կիխոտը, ― ասպետական ուխտով, որին ես պատկանում եմ, ես՝ անարժան մեղավորս, այլև թափառական ասպետի կոչումովս, ― եթե դուք, սինյոր, անսալու լինեք իմ խնդիրքին, ես ձեզ կծառայեմ ամենայն ջանասիրությամբ, որին պարտավորեցնում է ինձ իմ դիրքը։ Ես կբուժեմ ձեր ցավը, եթե նա բուժելի է կամ թե կօգնեմ ձեր դարդը լալու, ինչպես նոր ձեզ խոստացա։ | ||
+ | |||
+ | Անտառի Ասպետը, լսելով Տխուր Պատկերի Ասպետի խոսքերը, նայում, զննում ու դիտում էր նրան ոտից֊գլուխ և վերջապես տեսնելուց կշտանալով, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե ուտելու բան ունեք, ի սեր Աստծու շուտով տվեք ինձ, և ուտելուց հետո ես կկատարեմ ամենը, ինչ որ դուք հրամայեք, որպեսզի շնորհակալ եղած լինեմ բարյացակամության համար, որ դուք ցուցաբերում եք իմ նկատմամբ։ | ||
+ | |||
+ | Իսկույն Սանչոն ձեռքը կոխեց պարկը, իսկ հովիվը՝ իր տոպրակը, և Ցնցոտեկիրն սկսեց հագեցնել իր քաղցը՝ գժի պես վրա տալով ուտելիքին այնպիսի ագահությամբ, որ կուլ չգնացած կտորին վրա էր հասնում նորը։ Քանի որ դա շարունակվում էր, ո՛չ նա, ո՛չ էլ շրջապատողները ոչ մի խոսք չէին արտասանում։ Ուտելը պրծնելուց հետո նա նշաններով առաջարկեց նրանց, որ հետևեն իրեն, մի բան, որ նրանք արին։ Նա նրանց տարավ մի կանաչ դաշտ, որ գտնվում էր ոչ հեռու՝ ժայռի հետևում։ Այստեղ գալով՝ նա պառկեց խոտի վրա, և նրանք էլ հետևեցին նրա օրինակին։ Այդ ամենը կատարվում էր լռելյայն։ Վերջապես Ցնցոտեկիրը, տեղը լավ հարմարեցնելով, սկսեց այսպես․ | ||
+ | |||
+ | ― Եթե ձեզ հաճելի է, պարոններ, ես կարճառոտ պատմեմ ձեզ իմ բազում չարաբաստիկ գործերից, դուք պետք է ինձ խոստանաք, որ ոչ մի հարցով կամ նկատողությամբ չեք խզի իմ տխուր զրույցի թելը, որովհետև հենց որ դուք այդ անելու լինեք, ես իսկույն կընդհատեմ իմ պատմությունը։ | ||
+ | |||
+ | Այդ առաջաբանը դոն Կիխոտի միտքը գցեց իր զինակրի պատմությունը, երբ որ մեր ասպետին չհաջողվեց ուղիղ հաշվել այծերին, որ փոխադրված էին գետի մյուս ափը և ինչպես այդ պատճառով պատմությունը մնաց անավարտ։ Իսկ Ցնցոտեկիրը շարունակում էր․ | ||
+ | |||
+ | ― Ես նրա համար եմ նախազգուշացնում ձեզ, որ ես կկամենայի որքան կարելի է արագ ավարտել իմ աղետների շարադրությունը, որովհետև մտաբերելով դրանք, ես հին վշտերին նոր վիշտ եմ ավելացնում, ուստի որքան սակավ ինձնից բան հարցնելու լինեք, այնքան արագ ես կպատմեմ նրանց մասին։ Այն էլ ես ոչ մի կարևոր մանրամասնություն բաց չեմ թողնի և կաշխատեմ միանգամայն բավարարել ձեր ցանկությունը։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը բոլոր ներկա եղողների անունից խոստացավ, որ չի ընդհատի նրան, և այդ հավաստիացումներից հետո Ցնցոտեկիրն սկսեց հետևյալ կերպով․ | ||
+ | |||
+ | ― Իմ անունը Կարդենիո է և ես ծնվել եմ մեր Անդալուզիայի լավագույն քաղաքներից մեկում։ Ես անվանի տոհմից եմ և հարուստ ծնողների զավակ, բայց իմ դժբախտությունն այնքան մեծ է, որ իմ ծնողները ինչքան էլ ողբան և ինչպես էլ իմ տոհմը վշտանա, նրանց ողջ հարստությունը ինձ ոչ մի կերպ չի օգնի, որովհետև, ինչպես հայտնի է, երկրի բարիքները երկնքի առաքած աղետների դեմ անզոր են։ Այդ քաղաքում ապրում էր նաև այն երկնային էակը, որին Ամուրը զարդարել էր բոլոր կատարելություններով, որոնց մասին կարող էի երազել։ Լյուսինդայի գեղեցկությունը մեծ էր, մի ազնվական և հարուստ աղջկա, ոչ պակաս քան ես, բայց ավելի երջանիկ և պակաս հավատարիմ, քան արժանի էր իմ զգացմունքի ազնվությանը։ Ամենավաղ, պատանի օրերից ես սիրում, աստվածացնում և երկրպագում էի Լյուսինդային, և նա էլ սիրում էր ինձ պարզ և անխորամանկ սիրով, ինչպես այդ լինում է մանուկ հասակում։ Մեր ծնողները գիտեին մեր փոխադարձ հակումների մասին, և այդ նրանց չէր անհանգստացնում՝ նրանք հասկանում էին, որ այդ զգացմունքը ամրանալով մեզ վերջ ի վերջո կհասցնի ամուսնության, իսկ ծագման ու հարստության հավասարությունը մեր դաշնը դարձնում էր միանգամայն բնական։ Անցնում էին տարիներ, և նրաց հետ աճում էր մեր փոխադարձ սերը ― և ահա Լյուսինդայի հայրը, խոհեմությունից դրդված, հարկ համարեց արգելել ինձ այցելել նրան (այդ բանում նա կարծես ընդօրինակում էր այնքան հաճախ բանաստեղծներից երգված Ֆիսբայի ծնողներին)։ Այս արգելքը միայն հրահրեց մեր բոցը և սաստկացրեց ցանկությունը։ Ծնողները կարող էին մեր լեզվի վրա լռություն դնել, բայց չէին կարող մեր գրիչները մատնել անգործության, իսկ երբ որ մենք սիրում ենք, գրիչն ավելի ազատ է շարադրում, քան լեզուն, այն, ինչ որ թաքնված է լինում մեր հոգում։ Որովհետև շատ հաճախ սիրած էակի ներկայությունը շփոթեցնում ու համրացնում է ամենավճռական մտադրություններն ու ամենախիզախ լեզուները։ Օ՜, երկինք, քանի՜֊քանի՜ նամակներ գրեցի նրան։ Քանի՜֊քանի՜ անմեղ ու սիրելի պատասխաններ ստացա։ Քանի՜֊քանի՜ երգեր, սիրահարական ոտանավորներ գրեցի, որոնց մեջ իմ հոգին բացատրում ու հայտնաբերում էր իր զգացմունքները, արտահայտում էր իր բոցավառ ցանկությունները, վերակենդանացնում էր իր հուշերն ու սնում իր կիրքը։ Վերջապես, տանջահար, ես զգացի, որ իմ հոգին տոչորվում է նրան տեսնելու ցանկությունից, և որոշեցի իսկույն ևեթ անել այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի ստանայի ըղձալի և արժանի պարգևը, այսինքն՝ խնդրել Լյուսինդայի հորից, որ նրան տա ինձ օրինավոր կնության։ Ես այդպես էլ արի։ Նա ինձ պատասխանեց, որ շնորհակալ է պատվի համար, որ ես ցույց եմ տալիս նրան և որ ինքն էլ իր հերթին պատրաստ է պատիվ անելու ինձ, մարդու տալու իր թանկագին աղջկան ինձ։ «Բայց», ավելացրեց նա, «ձեր հայրը դեռ կենդանի է, և նրան է պատկանում իրավունքը, այդ մասին խնդրելու։ Իսկ եթե նրա բարի կամքն ու համաձայնությունը չլինի այդ գործում, ապա Լյուսինդան նրանցից չէ, որոնց առնում կամ տալիս են կնության թաքուն»։ Ես շնորհակակություն հայտնեցի նրա բարյացակամության համար, որովհետև ինձ թվում էր, որ նրա առարկությունն արդարացի է և որ իմ հայրը կհամաձայնի ինձ, հենց որ նրան պատմեմ բանի էությունը։ Այդ մտադրությամբ ես իսկույն գնացի հորս մոտ, որպեսզի հաղորդեմ նրան իմ ցանկությունը։ Բայց մտնելով այն սենյակը, որտեղ նա գտնվում էր, ես նրան տեսա բաց արած նամակը ձեռքին, և մի բառ էլ չկարողացա արտասանել, որ նա մեկնեց ինձ նամակը ու խոսեց․ «Այս նամակից, Կարդենիո, դու կտեսնես, որ հերցոգ Ռիկարդոն ուզում է քեզ ողորմածություն ցույց տված լինել»։ Այս հերցոգ Ռիկարդոն, ինչպես դուք, պարոններ, երևի գիտեք, իսպանական գրանդ է, որի կալվածները ծավալվում են մեր Անդալուզիայի լավագույն մասում։ Ես վերցրի նամակն ու կարդացի։ Նամակն այնքան բարեհաճ էր, որ ես ինքս կկշտամբեի հորս, եթե նա չկատարեր նրա մեջ եղած խնդիրը։ Հերցոգը խնդրում էր, որ հայրս ինձ անհապաղ ուղարկի իր մոտ, որովհետև նրան հաճելի էր, որ ես նրա մեծ որդու հետ լինեմ՝ իբրև բարեկամ, այլ ոչ թե ծառա, միաժամանակ իմ հետագա կյանքի հոգսերը նա իր վրա էր վերցնում և խոստանում էր, որ իմ կյանքի դասավորումը միանգամայն համապատասխան կլինի նրա բարձր կարծիքին իմ մասին։ Ես կարդացի նամակն ու ապուշ կտրեցի։ Իմ շփոթմունքն ավելացավ, երբ որ լսեցի հորս խոսքերը․ «Դու կերթաս երկու օրից, Կարդենիո, և կկատարես հերցոգի կամքը։ Շնորհակալ եղիր երկնքին, որ ճամփա է բաց անում քո առջև, որով դու կհասնես այն բանին, որին արժանի ես»։ Եվ այդ խոսքերին մա մի քանի հայրական խորհուրդներ ավելացրեց։ | ||
+ | |||
+ | Հասավ իմ մեկնելու ժամը։ Նախապես, երեկոյան ես զրույց ունեցա Լյուսինդայի հետ և ամեն ինչ, որ պատահել էր, պատմեցի նրան, ապա ամեն ինչ հաղորդեցի նրա հորը և խնդրեցի նրանից, որ մի քանի օր սպասի և ոչ ոքի չխոստանա իր աղջկա ձեռքը, մինչև որ ես իմանամ, թե ինչ է ուզում ինձնից Ռիկարդոն։ Հայրը խոստացավ և Լյուսինդան հաստատեց նրա խոստումը երդումով ու արցունքներով։ Վերջապես ես ներկայացա Ռիկարդոյի դղյակը, և նա ինձ դիմավորեց ու ընդունեց այնքան սիրալիր, որ նախանձն իսկույն սկսեց իր գործը։ Հերցոգի հին ծառաներն իսկույն ատեցին ինձ, որովհետև կարծում էին, որ նրա բարեհաճության նշաններն իմ նկատմամբ նրանց վնաս կտան։ Բայց առանձնապես ուրախացավ իմ գալստյան առիթով հերցոգի երկրորդ որդին, Ֆերնանդո անունով, վայելչակազմ, նուրբ, առատաձեռն և տրամադիր սիրահարվելու մի երիտասարդ։ Շուտով նա կամեցավ, որ մենք մոտ բարեկամներ դառնանք և շարունակ դրանից էր խոսում։ Թեև մեծ որդին էլ էր ինձ սիրում և ուշադրության նշաններ ցույց տալիս, այնուհանդերձ նրա վերաբերմունքը չէր կարելի համեմատել դոն Ֆերնանդոյի ջերմ մտերմությանը։ Եվ որովհետև բարեկամների միջև գաղտնիք չի լինում, որ նրանք իրար բաց չանեն, իսկ ինձ դոն Ֆերնանդոյին կապում էր ոչ միայն պարզապես բարեկամական վերաբերմունքը, այլև բարեկամական մտերմությունը, ապա նա սկսեց խոստովանել ինձ իր բոլոր մտքերը և պատմեց իր մեկ սիրային հափշտակության մասին, որ նրան սաստիկ հուզում էր։ Նա սիրում էր մի գեղջկուհու, որի ծնողները իր հոր հարուստ վասալներից էին և աղջիկն այնքան չքնաղ էր, համեստ, խելացի և առաքինի, որ նրան ճանաչողները չէին կարող որոշել, թե այդ առավելություններից որին նախընտրություն և առաջնություն տան։ Գեղեցիկ գեղջկուհու այդ հատկությունները դոն Ֆերնանդոյի մեջ այնպիսի մի կիրք էին հարուցել, որ իր ցանկություններին հասնելու և նրա առաքինությունը հաղթահարելու համար նա վճռեց խոսք տալ աղջկան, որ կամուսնանա նրա հետ, որովհետև տեսնում էր, որ այլապես նա մատնված է ձգտելու անկարելիին։ Ինձ Ֆերնանդոյին կապող բարեկամության պարտականությունից դրդված՝ ես աշխատեցի բերել ամենահիմնավոր փաստարկումներ և ամենացայտուն օրինակներ, որպեսզի հեռացնեմ և շեղեմ նրան նման մտադրությունից։ Սակայն տեսնելով, որ ոչինչ չի օգնում, ես մեկ մտածեցի ամեն ինչ հայտնել նրա հորը, հերցոգ Ռիկարդոյին։ Բայց դոն Ֆերնանդոն՝ խորամանկ ու խելացի մի մարդ, կռահեց և վախեցավ իմ որոշումից, գլխի ընկնելով, որ բարի ծառայի պարտականությունից դրդված՝ ես չեմ ծածկի հերցոգից՝ իմ տիրոջից, այն ամենը, ինչ որ կարող է նրա պատվին այնքան մեծ վնաս հասցնել։ Ուստի, այդպիսի մտադրությունից ինձ հետ պահելու համար, դոն Ֆերնանդոն հայտարարեց, որ նա մի քանի ամսով կուզենար մի տեղ գնալ և որ դա նրա համար լավագույն միջոցն է՝ նրա սիրտը նվաճած գեղեցկուհու մասին մտածելուց դադարելու համար։ Նա ավելացրեց, որ կկամենար ինձ հետ միասին գնալ իր հոր մոտ, իսկ հերցոգին մենք կասենք, որ գնում ենք լավ նժույգներ տեսնելու և գնելու համար, որովհետև իմ հայրենի քաղաքը հայտնի էր աշխարհիս երեսին ամենալավ ձիերով։ Հենց որ ես լսեցի այդ խոսքերը, ես հայտարարեցի, որ ավելի լավ որոշում չի էլ կարելի երևակայել։ Ինձ առաջնորդում էր Լյուսինդայի սերը, և ես այնպես էի ուզում օգտվել առիթից և նրա հետ տեսակցելու հնարավորությունից, որ կարծես հնարավորություն կտայի և պակաս խոհեմ որոշմանը։ Այդ մտքերի և ցանկությունների ազդեցության տակ ես հավանություն տվի նրա մտադրությանը, պաշտպանեցի նրա որոշումը և խնդրեցի որքան կարելի է շուտ ի կատար ածել, որովհետև, իրոք, սիրած աղջկա հետ անջատումը կարող է ցրել ամենահամառ խոհերը նրա մասին։ Հետագայում ես իմացա, որ երբ նա ինձ առաջարկում էր, նա արդեն ամուսնու դիմակի տակ վայելում էր իր գեղջկուհու սերը և հիմա միայն դեպքի էր սպասում, որպեսզի ամենաապահով կերպով բանա իր գաղտնիքը։ Որովհետև նա սաստիկ վախենում էր և չգիտեր, թե ինչ կանի իր հերցոգ հայրը՝ տեղեկանալով նրա հանցանքի մասին։ Բայց որովհետև երիտասարդների սերը, ըստ մեծի մասի՝ սոսկ զգայական է և նրա վերջնական նպատակը վայելքն է, ուստի և հասնելով վախճանին, սերը վերջանում է և հետ է դառնում (որովհետև զգացմունքը, որ սեր է թվում, չի կարող սահմանն անցնել, որ դրված է բնությունից և որ գոյություն չունի իսկական սիրո համար) ― այդ իսկ պատճառով, հենց որ Ֆերնանդոն վայելեց իր գեղջկուհու սերը, նրա ցանկությունները հանդարտեցին և նրա կրակը սառավ և, և եթե առաջ նա ձևացնում էր, թե ուզում է գնալ, որպեսզի բուժվի սիրուց, ապա հիմա նա անկեղծորեն ուզում էր հեռանալ, որպեսզի ազատվի սիրուհուց։ Հերցոգը մեզ թույլ տվեց և հրամայեց ինձ, որ ուղեկցեմ նրա որդուն։ | ||
+ | |||
+ | Մենք եկանք իմ հայրենի քաղաքը։ Իմ հայրը դոն Ֆերնանդոյին ընդունեց համապատասխան նրա բարձր կոչման, իսկ ես իսկույն տեսակցեցի Լյուսինդայի հետ և իմ ցանկությունները վերակենդանացան (ասենք նրանք ոչ միայն երբեք չէին մեռել, այլև չէին էլ թուլացել)։ Որովհետև ինձ թվում էր, թե Ֆերնանդոյի բարեկամական ջերմ զգացմունը ինձ վրա պարտականություն է դնում նրանից ոչինչ չթաքցնել, ես վստահեցի նրան իմ գաղտնիքը և դա ցավ բերեց ինձ։ Լյուսինդայի գեղեցկությունը, նրբությունը և խելքը ես այնպես գովաբանեցի, որ իմ գովեստները նրա մեջ ցանկություն հարուցեցին տեսնելու աղջկան, որ զարդարված է այդքան առաքինություններով։ Չարաբախտ ճակատագիրը դրդեց ինձ բավարարել նրա ցանկությունը, և մի երեկո ես ցույց տվի նրան Լյուսինդային, երբ որ լուսամուտի վրա մի մոմ էր վառված, այնտեղ և այնպես, որտեղ և ինչպես մենք սովորաբար զրույց էինք անում նրա հետ։ Նա տեսավ աղջկան կորսաժը հագին, և աղջիկը նրան այնքան չքնաղ երևաց, որ նա իսկույն մոռացավ բոլոր գեղեցկուհիներին, որ մինչ այդ տեսել էր։ Նա ապուշ կտրեց, կորցրեց գլուխը, հմայվեց ― մի խոսքով՝ սիրահարվեց նրան բոցավառ սիրով (նրա կրքի սաստկության մասին, որ նա ինձնից թաքցնում էր և մենակ եղած պահին բանում էր երկնքին, դուք կարող եք գաղափար կազմել հետագա պատմությունից իմ դժբախտությունների մասին)։ Ահա, նրան ավելի ևս բոցավառելու համար բախտը կամեցավ, որ նրա աչքին ընկած լիներ Լյուսինդայի ինձ գրած մի նամակը, որի մեջ նա ինձ համոզում էր խնդրել իր ձեռը իր հորից։ Նա այնքան խելացի, համեստ և քնքուշ էր գրում դրա մասին, որ դոն Ֆերնանդոն, կարդալով նամակը, հայտնեց ինձ, որ նա է գեղեցկության ու խելքի բոլոր գանձերի միակ տիրուհին, որ սովորաբար աշխարհիս երեսին բաշխվում է բոլոր կանանց։ Եվ այստեղ ես բացեիբաց պետք է խոստովանեմ, որ թեև ես հասկանում էի, որ Ֆերնանդոն արդարացի հիմք ուներ գովաբանելու Լյուսինդային, այնուհանդեձ ինձ համար անախորժ էր նրա շուրթից լսել այդ գովեստները, և ես սկսեցի երկյուղ կրել ու զգուշանալ, որովհետև րոպե չէր անցնում, որ նա ինձ չխոսեցներ նրա մասին, և ինչ զրույց էլ անելիս լինեինք նրա հետ, նա անպատճառ խոսքը շուռ էր տալիս Լյուսինդայի վրա։ Այդ իմ մեջ խանդի պես մի բան էր հարուցանում ոչ թե նրանից, որ ես առաքինի և հավատարիմ Լյուսինդայի կողմից որևէ հարված էի սպասում, այլ նրանից, որ ինձ երջանկություն խոստացող բախտը հարկադրում էր երկյուղ կրել այդ երջանկության համար։ Իսկ դոն Ֆերնանդոն միշտ աշխատում էր աչքի անց կացնել բոլոր նամակները, որ ես ուղարկում է Լյուսինդային և որ նա գրում էր ինձ ի պատասխան այն պատրվակով, իբրև թե նա շատ է հավանում զգացմունքը նրբորեն արտահայտելու մեր կարողությունը։ Եվ ահա մի անգամ պատահեց, որ Լյուսինդան ինձնից խնդրեց ուղարկել իրեն մեկ ասպետական վեպ, որ նրան առանձնապես դուր էր գալիս՝ դա Ամադիս Գաղղիացին էր․․․ | ||
+ | |||
+ | Հենց որ դոն Կիխոտը ասպետական վեպի անունը լսեց, իսկույն ևեթ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե ձերդ ողորմածությունը հենց պատմության սկզբից հայտարարած լիներ, որ նրա ողորմածություն տիրուհի Լյուսինդան ասպետական վեպեր է սիրում, կարիք չէր լինի շատ ավելորդ խոսք ասել, որպեսզի ինձ համոզեք նրա մտքի վեհությունը, և նա չէր էլ կարող այնչափ խելացի լինել, ինչպես դուք, սինյոր, նկարագրեցիք, եթե նա նման հափշտակող ընթերցանության համար ճաշակ չունենար։ Ուստի նրա գեղեցկությունը, առաքինությունն ու խելքը նկարագրելիս, ինձ համար ավելորդ խոքերի կարիք չկա։ Ինձ համար բավական է նրա սերը դեպի այդ գրքերը ― և ես պատրաստ եմ նրան ճանաչելու աշխարհիս երեսին ամենագեղեցիկ և իմաստուն կինը։ Եվ ես կկամենայի, սինյոր, որ ձերդ ողորմածությունը Ամադիս Գաղղիացու հետ ուղարկած լիներ նաև փառավոր դոն Ռուխել Հունաստանցուն, որովհետև ես հավատացած եմ, որ տիրուհի Լյուսինդան շատ կհավաներ Դարաիդային և Գարայային, այլև հովվուհի Դարինելի սրամտությունը և սքանչելի հովվերգական բանաստեղծությունները, որ նա երգում ու կատարում էր այնպիսի ճաշակով, վարպետությամբ և այնքան բնական։ Ասենք՝ կգա ժամանակ և դուք կուղղեք ձեր սխալը, մի բան, որ շատ հեշտ կլիներ, եթե ձերդ ողորմածությունը հաճեր ինձ հետ գալ իմ գյուղը։ Այնտեղ ես ձեզ կտրամադրեի ավելի քան երեք հարյուր գիրք, որոնք իմ հոգու վայելքն ու կյանքիս զվարճությունն են։ Ասենք՝ ես մտաբերում եմ, որ այդ գրքերն այլևս չկան և մեղքը չար ու նախանձ կախարդներինն է։ Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն, որ ես խախտեցի ձեր պատմությունը չընդհատելու խոստումս, սակայն երբ որ ես լսում եմ ասպետական գործերի և թափառական ասպետների մասին, ինձ համար նույնքան անհնար է լինում զսպել ինձ և չխոսել այդ առիթով, ինչպես արևի ճառագայթներին՝ չտաքացնել, իսկ լուսնի ճառագայթներին՝ չխոնավացնել հողը։ Ուստի ներեցեք և շարունակեցեք, որովհետև ժամանակ է, որ մենք վերադառնանք գործի։ | ||
+ | |||
+ | Քանի որ դոն Կիխոտն արտասանում էր այս ճառը, Կարդենիոն նստած էր գլուխը կախ արած կրծքին և ըստ ամենայնի երևում էր, որ նա խորունկ մտախոհության մեջ է։ Դոն Կիխոտն արդեն երկու անգամ խնդրել էր, որ նա շարունակի պատմությունը, բայց նա գլուխը չէր բարձրացնում և ոչ մի խոսք չէր պատասխանում։ Վերջապես երկար ժամանակ անց, նա շտկվեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես հաստատ հավատացած եմ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի կարող հակառակը հավատացնել և հարկադրել, որ ես կարծիքս փոխեմ, որովհետև ով որ կարծում է կամ ենթադրում այլ կերպ, պարզապես ապուշ է։ Այո՛, ես հաստատ հավատացած եմ, որ այդ մեծագույն խարդախը՝ վարպետ Ելիստրատը, սիրային կապ է ունեցել Մադա՛սիմա թագուհու հետ։ | ||
+ | |||
+ | ― Բնա՛վ, կերդվեմ ինչով որ կամենաք, ― բացականչեց դոն Կիխոտը սաստիկ ցասումով (որ իրականում, ըստ իր սովորության, մի քիչ ավելի ուժգին արտահայտվեց), ― դա սարսափելի ամբաստանություն է, կամ ավելի լավ ասած՝ ստորություն։ Մադա՛սիմա թագուհին ազնվագույն տիկին է եղել և չի կարելի երևակայել, որ նա սիրային կապ ունեցած լինի ինչ֊որ ձիաբույժի հետ։ Իսկ ով որ հակառակն է պնդում, ստում է ամենաետնյալ անպիտանի պես, և ես այդ կապացուցեմ նրան թե՛ ձի հեծած, թե՛ փիադա, թե՛ սպառազինված, թե՛ զինաթափ, թե՛ ցերեկով, թե՛ գիշերը ― մի խոսքով, ինչպես նրա ճաշակին ավելի սազ գա։ | ||
+ | |||
+ | Կարդենիոն ուշի֊ուշով նայում էր նրան՝ խելագարության թափն արդեն բռնել էր նրան, և հիմա նա իր պատմությունը շարունակելու գլուխ չուներ, ասենք՝ դոն Կիխոտն էլ տրամադիր չէր ունկնդրելու ― այնպես էր վրդովվել նա Մադա՛սիմա թագուհու մասին ասվածից։ Զարմա՜նք բան։ Նա նույն թափով պաշտպան դուրս եկավ թագուհուն, ինչպես եթե նա լիներ իր իսկական և բնական հրամայողը։ Ահա՛ թե ինչ օրի էին գցել նրան անիծյալ գրքերը։ Ուստի, քանի Կարդենիոն բռնված էր խելագարությամբ ― դրան ավելացավ այն, որ նա լսեց, ինչպես իրեն ստախոս, անպիտան և այլ հիշոցներ են ասում, ― այդ կատակը նրան դուր չեկավ։ Նա բարձրացրեց իր ոտերի տակ ընկած քարը և այնպիսի ուժով նետեց ուղղակի դոն Կիխոտի կրծքին, որ նա գլորվեց մեջքի վրա։ Սանչո Պանսան, տեսնելով, թե ինչպես են իր տիրոջ հախիցը գալիս, բռունցքները սեղմած վրա տվեց խելագարի վրա, բայց Ցնցոտեկիրը նրան այնպես դիմավորեց, որ մի հարվածով գետնին խփեց, կանգնեց վրան և ոտներով համարեց նրա կողերը, ինչքան որ սիրտը ուզեց։ Հովիվը կամեցավ պաշտպանել նրան, բայց նրան էլ նույն բախտը վիճակվեց։ Երեքին էլ մի լավ ջարդելուց ու տրորելուց հետո Ցնցոտեկիրը անվրդով հանգստությամբ լեռները քաշվեց։ Սանչոն վեր կացավ կատաղությամբ, որ իրեն զուր տեղից ջարդ ու բուրդ էին արել և վրա տվեց հովվի վրա, կամենալով նրանից վրեժ լուծել․ նա գոռում էր, որ մեղքը հովվին է, որ չի նախազգուշացրել իրենց, որ այդ մարդը ենթակա է խելագարության բռնկումներին։ Որ եթե նա այդ արած լիներ, իրենք զգույշ կլինեին և կնախապատրաստվեին ինքնապաշտպանության։ Իսկ հովիվը պատասխանում էր, որ ինքը նախազգուշացրել է, իսկ եթե Սանչոն պարզապես չի լսել, ապա մեղքն իրենն է։ Սանչոն ինչ֊որ առարկում էր հովվին, հովիվը՝ առարկում էր Սանչոյին։ Խոսքերից նրանք անցան գործի, բռնեցին իրար միրքից և սկսեցին իրար այնպես ծեծել, որ եթե դոն Կիխոտը խաղաղություն չհաստատեր, ապա թվում է, թե նրանք իրար պատառ֊պատառ կանեին։ Կռվի բռնվելով այծարածի հետ՝ Սանչոն գոռում էր․ | ||
+ | |||
+ | ― Թողեք ինձ, ձերդ ողորմածություն, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ։ Այս ղոչաղը նույնպիսի գեղջուկ է, ինչպես և ես, ոչ ոք նրան ասպետ չի կարգել, ուստի ես ունեմ իրավունք նրա հասցրած վիրավորանքների տեղը հանելու և մուշտակռվի բռնվելու՝ որպես ազնիվ մարդ։ | ||
+ | |||
+ | ― Այդ մեկը ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― բայց ես գիտեմ, որ նա մազաչափ մեղավոր չէ եղածի համար։ | ||
+ | |||
+ | Սրանով էլ նա հաշտեցրեց նրանց, ապա հարցրեց հովվից միջոց կա՞ արդյոք Կարդենիոյին գտնելու, որովհետև ինքը չափազանց հետաքրքիր է պատմության վերջն իմանալու։ Հովիվը կրկնեց այն, ինչ որ առաջ ասել էր՝ ինքը ստույգ չգիտի, որտեղ է կենում Կարդենիոն և ավելացրեց, որ եթե դոն Կիխոտը էլի թափառելու լինի այս լեռներում, անշուշտ նրան կհանդիպի կամ առողջ մտքով կամ խելագարությամբ բռնված։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXV== | ||
+ | |||
+ | Ուր պատմվում է արտասովոր դեպքերի մասին, որ պատահել են լամանչեցի արի ասպետին Սյերրա֊Մորենում և այն ապաշխարանքի մասին, որ նա ինքը դրեց իր վրա Մռայլ Գեղեցիկին նմանվելով | ||
+ | |||
+ | |||
+ | Հովվին հրաժեշտ տալով՝ դոն Կիխոտը նորից հեծավ Ռոսինանտին և հրամայեց, որ Սանչոն գա իր հետևից էշով։ Սանչոն հնազանդեց մեծ տհաճությամբ։ Եվ ահա նրանք կամաց֊կամաց մոտեցան ամենավայրի կիրճերին։ Սանչոն մեռնում էր իր տիրոջ հետ խոսելու ցանկությունից, սակայն սպասում էր, որ նա առաջինը սկսի, որովհետև չէր ուզում խախտել պատվերը։ Վերջապես, այդքան երկար լռություն չտանելով, նա, այնուամենայնիվ խոսեց։ | ||
+ | |||
+ | ― Սինյոր դոն Կիխոտ, օրհնեցեք ինձ, ձերդ ողորմածություն, և արտոնություն շնորհեք, ես ուզում եմ որքան կարելի է շուտ վերադառնալ տուն՝ կնոջս ու երեխաներիս մոտ, նրանց հետ գոնե, ես կարող եմ խոսել և դատողություն անել, ինչքան սիրտս ուզի։ Իսկ ձերդ ողորմածությունը պատվիրում է ինձ թափառել գիշեր֊ցերեկ այս անապատում, այն էլ առանց խոսելու, երբ որ սիրտս ուզենա։ Որ այդպես է՝ ինձ սաղ֊սաղ թաղեցեք, պրծնի գնա։ Եթե բախտը կամենար, որ անասունները խոսել կարողանային, ինչպես կարողանում էին երբեմն Գիսոպետի օրոք<ref>Գիսոպետ ― Իսոպետ կանոնավոր ձևի փոխարեն։ Իպոսետը առակագիր Եզոպոսի անվան փորքրացուցիչ ձևն է։ Այդ անունն է կրել միջին դարերում ամբողջ Եվրոպայում մեծ ժողովրդականություն ունեցող առակների ժողովածուն։</ref> ― էլի մի բան է, ես կպատմեի էշիս այն ամենը, ինչ որ խելքիս փչեր և այդպես կկարճեի իմ տխուր օրը։ Հե՞շտ բան է և կարո՞ղ է մարդկային համբերությունը բավել՝ դու ողջ կյանքդ արկածներ որոնիր, իսկ փոխարենը քեզ ջարդ ու բուրդ անեն, վերմակի վրա վեր֊վեր թռցնեն, քարկոծեն և բռունցքով խփեն, իսկ այդ ամենի վրա, չհանդգնես բերանդ բաց անել, չհանդգնես արտահայտել այն ամենը, ինչ որ դաղել է սիրտդ, ասես համր լինես։ | ||
+ | |||
+ | ― Ես հասկանում եմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դու մեռնում ես ցանկությունից, որ ես քո լեզվի վրա դրած արգելքը հանեմ։ Էհ, թող այդպես լինի, հանում եմ, ասա՛, ինչ որ ուզենաս, բայց պայմանով, որ այս թույլտվությունը ուժ ունենա, քանի դեռ մենք այս լեռներում ենք գտնվում։ | ||
+ | |||
+ | ― Թող այդպես լինի, ― պատասխանեց Սանչոն․ ― հիմա մի կուշտ խոսեմ, իսկ հետո միայն Աստված գիտե, թե ինչ կլինի։ Ուրեմն, ես օգտվելով ձեր թույլտվությունից, ահա թե ինչ կասեմ․ ձերդ ողորմածության ի՞նչ ցավն էր՝ այն Մախիմասա, թե ոնց էր անունը, թագուհուն պաշտպանելը։ Եվ ձեր ի՞նչ գործն է, որ ինչ֊որ Աբբատ նրա սիրահարն է եղել, թե չէ։ Դուք նրանց դատավո՞րն եք, ինչ եք։ Իսկ եթե դուք գժին ընդհատած չլինեիք, նա իր պատմությունը կավարտեր և գործը առանց քար խփելու, հարվածների և մի տասնյակ ապտակների գլուխ կգար։ | ||
+ | |||
+ | ― Հավատացնում եմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե դու էլ ինձ նման իմանայիր, թե Մադասիմա թագուհին ի՞նչ առաքինի և արժանավոր է եղել, դու կասեիր, թե ես, ընդհակառակը, շատ֊շատ համբերատարություն ցույց տվի, որ այդպես վատաբանողի գլուխը չջախջախեցի։ Մի՞թե մեծագույն պղծություն չէ կարծել ու ասել, թե թագուհին կարող էր ինչ֊որ սնղչու հարճը լինել։ Իսկ, իրոք, պատմությունն ասում է, թե Ելիսաբատ վարպետը, որին հիշատակեց այդ խելառը, պատվելի և ուսանելի խորհրդատու է եղել, որ ծառայել է թագուհուն՝ որպես բժիշկ և կառավարիչ։ Իսկ կարծել, թե նա թագուհու սիրողն է եղել ― անհեթեթություն է, որ արժանի է խիստ պատժի։ Ասենք՝ դու ինքդ էլ կհամաձայնես, որ Կարդենիոն ինքն էլ չգիտեր՝ ինչ էր ասում, եթե հիշես, որ այդ ասելիս, նա արդեն խելքը կորցրած էր։ | ||
+ | |||
+ | ― Հենց դրա համար, ― պատասխանեց Սանչոն, ― չարժեր գժի խոսքին ուշ դարձնել։ Չէ՞որ եթե բախտը ձերդ ողորմածությունը փրկած չլիներ և եթե քարը ձեր կրծքին կպած չլիներ, այլ գլխին, թագուհու լա՜վ պաշտպաններ դուրս կգայինք, ― թող աստված պախարակի այդ թագուհուն։ Իսկ Կարդենիոյից ի՞նչ կարելի է պահանջել՝ նա խելագար է։ | ||
+ | |||
+ | ― Յուրաքանչյուր թափառական ասպետ պարտավոր է պաշտպանել կնոջ պատիվը և՛ առողջ խելք ունեցողներից, և՛ խելագարներից, իսկ առավել ես՝ երբ որ Մադասիմայի պես բարձր և պատվելի թագուհու պատվի մասին է խոսքը, որին առանձնապես հարգում են նրա առաքինության համար։ Որովհետև նա ոչ թե սոսկ գեղեցիկ էր, այլև հազվադեպ խելացի և մեծ տոկունությամբ կրում էր իրեն բաժին հասած դժբախտությունները։ Իսկ Ելիսաբատ վարպետի հասարակությունն ու խորհուրդները նրա համար մխիթարանք ու օգնություն են եղել և օգնել են, որ նա բոլոր փորձությունների միջից խոհեմ և համբերատար անցնի։ Ահա թե ինչու տգետ ու չարամիտ ամբոխը հնարել է և սկսել պնդել, որ նրանք սիրահարներ են եղել։ Սակայն ես մեկ էլ կասեմ և երկու հարյուր անգամ կկրկնեմ՝ բոլոր այդպես մտածող ու ասողները ստախոսներ են։ | ||
+ | |||
+ | ― Ես որ բոլորովին այդ չեմ մտածում և չեմ ասում, ― պատասխանեց Սանչոն։ ― Թող նրանք այդ քսեն հացին և ուտեն։ Սիրահարներ եղել են, թե ոչ ― նրանք պատասխան կտան Աստծուն։ Դա իմ գործը չէ, ես բան չգիտեմ և ուրիշների գործը չեմ էլ ուզում իմանալ։ Ով որ գնում է և խարդախում, նա իր սեփական քսակում զգում է այդ։ Ես տկլոր եմ ծնվել և հիմա էլ տկլոր եմ։ Ես ոչ տարել եմ, ոչ էլ տանուլ տվել։ Եղե՞լ են նրանք արդյոք սիրահարներ ― իմ ի՞նչ գործն է։ Հաճախ կարծում ես, թե մարդիկ ճարպ ունեն, դու մի ասա, նրանք ճարպը կախելու համար չանգալ էլ չունեն։ Դաշտը կողպեքի տակ չի դրվի, իսկ բամբասանքը ― Աստծուն էլ են բամբասել։ | ||
+ | |||
+ | ― Տե՜ր ողորմյա, ― բացականչեց դոն Կիխոտը, ― այդ ի՞նչ դատարկ բաներ ես դուրս տալիս, Սանչո։ Ի՞նչ առնչություն ունի մեր զրույցը այն առածների հետ, որ դու շարում ես մեկը մյուսի հետևից։ Հանուն ամենայն սրբության՝ լռիր, Սանչո, և այսուհետ հոգ տար քո էշի մասին և մի խառնվիր այն գործերին, որ քեզ չեն վերաբերում։ Լարիր քո բոլոր հինգ զգայարաները և հասկացիր վերջապես, որ ամենը, ինչ որ ես արել եմ, անում եմ և կանեմ, միանգամայն խելացի է և համաձայն ասպետական օրենքներին, որ ես բոլոր ասպետներից լավ գիտեմ, որոնք երբևիցե եղել են աշխարհիս երեսին։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― ասպետական օրենքներով ա՞յս էլ կարգ է, որ մենք առանց ճամփի և ուղու թափառենք լեռներում և որոնենք խելագարին։ Իսկ երբ որ մենք նրան գտնենք, ապա, գուցե, նրա խելքին փչի ավարտել այն, ինչ որ սկսել էր, ― և ես, իհարկե, պատմության մասին չեմ խոսում, որ նա չվերջացրեց, այլ ձեր ողորմածության գլխի և իմ կողերի մասին, որ նա վերջնականապես դեռ չի ջախջախել։ | ||
+ | |||
+ | ― Մեկ էլ եմ ասում քեզ, լռի՛ր, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― նկատի առ, որ ես սոսկ խելագարին գտնելու ցանկությունից չեմ ձգտում այս վայրերը։ Ես մտադիր եմ այստեղ այնպիսի սխրագործություն կատարել, որ աշխարհիս երեսին առհավետ կհռչակի իմ անունը և կկնքի բոլոր գործերը, որոնց շնորհիվ թափառական ասպետը կարող է հասնել փառքի և կատարելության։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այդ սխրագործությունը շա՞տ է վտանգավոր, ― հարցրեց Սանչո Պանսան։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ― պատասխանեց Տխուր Պատկերի Ասպետը, ― թեև գործը կարող է այնպես էլ շուռ գալ, որ հաջողության փոխարեն մենք կարող լինենք տուժել։ Համենայն դեպս, ամեն ինչ քո ջանասիրությունից է կախված լինելու։ | ||
+ | |||
+ | ― Իմ ջանասիրությունի՞ց, ― բացականչեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, ― շարունակեց դոն Կիխոտը։ ― Ես մտադիր եմ քեզ մի տեղ ուղարկելու և եթե դու շուտ վերադառնաս, ապա իմ փորձություններն էլ շուտ կպրծնեն և շուտ կսկսվի իմ փառքը։ Եվ որովհետև պետք չէ, որ ես քեզ անհայտության մեջ պահեմ և մտամոլոր՝ իմ ասածների իմաստի նկատմամբ, ապա ես քեզ կասեմ, Սանչո, որ հռչակավոր Ամադիս Գաղղիացին ամենակատարյալ թափառական ասպետներից մեկն է եղել։ Ոչ, ես լավ չարտահայտվեցի։ Նա կատարյալ ասպետներից մեկը չէր, այլ միակը, առաջինը և աննմանը աշխարհիս երեսին և բոլոր ժամանակներում եղած բոլոր ասպետների մեջ։ Ամոթ և նախատինք Բելյանիսին և յուրաքանչյուր ոքի, ով պնդել է, որ գեթ մի բանով հավասարվել է նրան։ Երդվում եմ՝ նրանք մոլորված են եղել։ Ապա կասեմ, որ ամեն մի արվեստագետ, որ ձգտում է իր արվեստով հռչակվել, աշխատում է այն վարպետների ստեղծագործություններին նմանվել, որոնց նա համարում է ամենամեծ վարպետներ։ Նույն կանոնը տարածվում է բոլոր աչքի ընկնող արհեստների և զբաղմունքների վրա, որոնք ծաղկեցնում են պետությունը։ Եվ ով որ համբերող և խոհեմ մարդու համբավ է ուզում ունենալ, պետք է նմանվի Ուլիսին և նրա գործերին ― որովհետև ի դեմս նրա, Հոմերոսը մեզ տվել է խոհեմության կենդանի նկարագրություն, ճիշտ այնպես, ինչպես Վիրգիլիոսը ի դեմս Էնեոսի նկարագրել է մեզ համար խոնարհ որդու առաքինությունն ու արի ու հաշվով առաջնորդի իմաստությունը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը նկարագրել են իրենց հերոսներին ոչ թե այնպես, ինչպես նրանք եղել են, այլ ինչպես նրանք պետք է լինեին, կամենալով նրանց վեր հանել որպես օրինակ գալիք սերունդների համար։ Ճիշտ նույնպես և Ամադիսը՝ բոլոր արի և սիրահարված ասպետների կողմնացույցը, լուսատուն և արևն է եղել, և մենք բոլորս, որ պայքարում ենք սիրո և ասպետության դրոշակի տակ, պարտավոր ենք նմանվելու նրան։ Այս բոլորը նկատի առնելով՝ ես, Սանչո բարեկամս, համարում եմ, որ ասպետական գործում թափառական ասպետներից ամենից շատ կատարելության կմոտենա նա, ով որ կաշխատի նմանվել Ամադիսին ավելի, քան բոլոր մյուսներին։ Այդ ասպետը մեծագույն չափով դրսևորել է իր խոհեմությունը, արիությունը, քաջությունը, տոկունությունը, հաստատակամությունն ու սերը այն վայրկյանին, երբ որ, մերժված տիրուհի Օրիանայի կողմից, նա Պենյա Պոբրե հեռացավ և իր վրա ապաշխարանք դրեց, իր անունը փոխելով և Բելտենբրոս դնելով․ ճշմարիտ որ շատ արտահայտիչ և համապատասխան այն կյանքին, որ նա հոժարակամ ընտրեց։ Համ էլ, իհարկե, ավելի հեշտ է նրան նմանվել այդ դեպքում, քան նրա օրինակով կոտորել հսկաներին, գլխատել վիշապներին, սպանել անդրիակներին,<ref>Անդրիակ ― հրեշ, կես֊մարդ, կես֊գազան՝ ծնված հսկա Բանդագունդոյի և նրա հարազատ աղջկա կենակցությունից («Ամադիս Գաղղիացի» գլ․ 73)։</ref> փախուստի ենթարկել բանակներին, ցրել նավատորմիղներ և քանդել կախարդների հմայքը։ Այս տեղն էլ շատ նպաստավոր է իմ հղացած գործի համար։ Ուստի պետք չէ փախցնել հարմար առիթը, որ այնքան հաճոյակատարությամբ ինձ դեմ է անում իր գանգուրները։<ref>Այն ժամանակներում մոդա դարձած փոխաբերություն։ Հմմտ․ դոն Բելյանիսի սոնետի 10-11 տողերը նախաբանում։</ref> | ||
+ | |||
+ | ― Սակայն վերջ ի վերջո, ― հարցրեց Սանչոն, ― ձերդ ողորմածությունն ի՞նչ է մտադիր ձեռնարկելու այս ամայի վայրում։ | ||
+ | |||
+ | ― Չէ՞ որ ես քեզ ասացի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ես մտադիր եմ նմանվել Ամադիսին և այնպես վարվել, իբրև թե ես կորցրել եմ խելքս, հուսահատվել եմ և կատաղել, միաժամանակ ես կնմանվեմ նաև արի դոն Ռոլանդին, երբ որ նա աղբյուրի մոտի հետքերից գլխի ընկավ, որ գեղեցիկ Անջելիկան անպատվել է իրեն Մեդորի հետ։<ref>Էպիզոդ «Կատաղած Ռոլանդի» XXIII-XXIV երգերից, որ մասնակիորեն թարգմանել է Պուշկինը։ (Փայլում է ջուրը ասպետի առջև, 1825 թ․)։</ref> Ռոլանդը դարդից խելակորույս եղավ, սկսեց ծառերն արմատախիլ անել, վտիտ գետակների ջրերը պղտորել, սպանել հովիվներին, բնաջինջ անել հոտերը, հրկիզել տնակները, խորտակել տները, փախցնել մադիաններին և հազար ու մի այլ գժություններ անել, որոնք արժանի են պատմաբանների հավերժական փառաբանության։ Ասենք՝ ես մտադիր չեմ ամեն բանով հետևելու Ռոլանդի, Օռլանդոյի կամ Ռոտոլանդոյի (նրան կարելի է այս անուններից որն ուզենաս տալ) օրինակին և ճիշտ ու ճիշտ կատարել այն գժությունները, որ նա արել, խորհել կամ արտահայտել է։ Ոչ, ես կարյացս չափ կվերարտադրեմ միայն այնպիսիները, որ ինձ ամենաէականներն են թվում։ Կամ թե չէ կբավարվեմ նմանվելով միայն Ամադիսին, որը ոչ մի կործանարար գժություն չէր անում, այնուհանդերձ սոսկ իր արցունքներով ու զգացմունքներով անգերազանցելի հռչակ ձեռք բերեց։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, ― ասաց Սանչոն, ― թե ասպետները, որ այդ ամենն անում են, հարկադրված են եղել անելու և առանց պատճառի չէ, որ ապաշխարել և այդ բոլոր հիմարությունները կատարել են։ Իսկ ձերդ ողորմածությո՞ւնն ինչ պատճառ ունի գժվելու։ Այն ի՞նչ տիրուհի է ձեզ մերժել։ Միթե դուք հետքե՞ր եք գտել և գլխի ընկել, որ տիրուհի Դուլսինեա Տոբոսցին չարաճճիություն է արել մավրի կամ քրիստոնյայի հետ։ | ||
+ | |||
+ | ― Բանն էլ հենց այդ է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այդ գործի ամբողջ նրբությունը հենց այդ է։ Եթե թափառական ասպետը խելագարվում է, ունենալով դրա համար կատարյալ հիմք, դրա մեջ ո՛չ արժանիք կա, ո՛չ սխրագործություն։ Այլ բան է խելագարվել հենց այնպես, առանց որևէ պատճառի։ Այն ժամանակ իմ տիրուհին կհասկանա, թե ինչի եմ ընդունակ ես, եթե ինձ հրացանի պես լցնեն, եթե ես առանց լցնելու էլ կարող եմ այդպես վարվել։ Համ էլ երկար անջատումը իմ Դուլսինեա Տոբոսցուց, որ առհավետ նվաճել է իմ սիրտը, ինձ համար միանգամայն բավարար հիմք է։ Չէ՞ որ դու լսեցիր մեր բարեկամ հովիվ Ամբրոսիոյի խոսքը՝ սիրածի հետ անջատված պահին մենք տառապում ենք և ամեն բանից երկյուղ կրում։ Այսպիսով, Սանչո բարեկամս, ժամանակ մի կորցրու, աշխատելով ինձ հետ կանգնեցնել այնքան հազվագյուտ, երջանիկ և մինչև օրս չտեսնված նմանողությունից։ Ես քո ձեռքով նամակ կուղարկեմ իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն և, մինչև որ դու չվերադառնաս պատասխանով, ես կխելագարվեմ ու խելագարություն կանեմ։ Եվ եթե նա իր պատասխանում ըստ արժանվույն կգնահատի իմ հավատարմությունը, այն ժամանակ կվերջանա իմ խելագարությունն ու ապաշխարանքը, իսկ եթե ոչ, ես իսկ որ կխելագարվեմ, և արդեն ոչինչ չեմ զգա։ Ուրեմն, ինչ էլ նա պատասխանելու լինի, իմ տառապանքներն ու փորձությունները կպրծնեն։ Եթե դու ինձ ուրախություն բերելու լինես, ես կվայելեմ առողջ բանականությամբ, իսկ եթե ցավ, ես չեմ զգա, որովհետև զրկված կլինեմ բանականությունից։ Սակայն, ասա ինձ, Սանչո, դու հո Մամբրինի սաղավարտը պահե՞լ ես։ Որովհետև ես նկատեցի, որ դու գետնից վերցրիր, երբ որ այն անշնորհակալի մեկը կամենում էր փշուր֊փշուր անել։ Բայց այդ չհաջողվեց նրան։ Դու տեսնում ես, որ այդ սաղավարտը ամրակուռ է։ | ||
+ | |||
+ | Սանչոն դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Աստված վկա, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, դուք երբեմն այնպես եք խոսում, որ ուղղակի ուժս ու համբերությունս հերիք չի անում։ Լսում եմ ձեզ, լսում և գլխովս անցնում է, որ ձեր բոլոր խոսակցությունները ասպետության մասին, թագավորություններ ու պետություններ նվաճելու մասին, ինձ կղզի շնորհելու, ողորմածություն ու պատիվ շնորհելու մասին, ինչպես այդ ընդունված է թափառական ասպետների մոտ, որ այդ ամենը դուք դատարկ֊դատարկ եք դուրս տալիս և այդ ամենը ― առասպել են ասում, ինչ են ասում։ Թե մեկը լսելու լինի, որ ձերդ ողորմածությունը դալլաքի լագանը Մամբրինի սաղավարտ է անվանում և հինգ օր է ահա, որ չի կարողանում համոզվել, որ դա այդպես չէ, ի՞նչ կմտածի ձեր մասին, քանի որ դուք ասում ու պնդում եք նման բաներ։ Ուրիշ բան չի ասի, քան եթե դուք խելագարվել եք։ Այդ լագանը իմ պայուսակի մեջն է և թեև նա ծռմռվել էր, ես էլի վերցրի այն։ Եթե Աստված ինձ շնորհ բաշխի և դարձնի ինձ տուն կնոջս ու երեխաներիս մոտ, ես այն կդրստեմ և ածիլվելու կօգտագործեմ։ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― ինչպես նոր դու երդվեցիր Աստծու անունով, այնպես ել ե՛ս եմ երդվում՝ աշխարհիս երեսին դեռևս այնքան հաստագլուխ զինակիր չի եղել, ինչպես դու ես։ Միթե այն ժամանակի ընթացքում, որ դու ինձ ուղեկցում ես, դու դեռ չե՞ս համոզվել, որ բոլոր առարկաները, որոնց դիպչում են թափառական ասպետները, թվում են ցնորք, անհեթեթ ու անմիտ բաներ, մի խոսքով՝ նրանց շուրջը ամեն ինչ հակառակն է երևում։ Եվ այդ նրանից չէ, որ նրանք, իրոք, այդպես են, այլ նրանից, որ մեզ միշտ շրջապատում են կախարդների խմբեր, որոնք կախարդում են և փոխում բոլոր առարկաները, նայած թե մեզ բարեբարե՞լ են ուզում, թե՞ կործանել։ Եվ ահա այն, ինչ քեզ դալլաքի լագան է երևում, ինձ Մամբրինի սաղավարտ է երևում, իսկ մի ուրիշին՝ մի այլ բան։ Ինձ հովանավորող իմաստունը ցուցաբերեց իր հազվագյուտ իմաստությունը, այնպես անելով, որ Մամբրինի իսկական և իրական սաղավարտը լագան թվա։ Այլապես բոլորն էլ ինձ կհալածեին և կաշխատեին խլել այն, որովհետև այդ սաղավարտը շատ թանկարժեք բան է։ Բայց մարդիկ խորհում են, որ դա մի լագան է, ուստի և հետամուտ չեն լինում։ Մտաբերիր միայն, որ մեր հակառակորդը նախ փորձեց այն կոտրել, ապա շպրտեց գետնին և նույնիսկ ջանք չգործեց բարձրացնելու։ Հավատացնում եմ քեզ, որ եթե նա ճշմարտությունն իմանար, նա այդպես երեսի վրա չէր թողնի այն։ Պահիր այն, բարեկամս, որովհետև առայժմս ինձ պետք չէ։ Հիմա, ընդհակառակը, ես կհանեմ վրայիս զրահներն ու կմնամ տկլոր, ինչպես մայրս է ինձ ծնել, եթե միայն որոշելու լինեմ իմ ապաշխարանքում ավելի Ռոլանդին նմանվել, քան Ամադիսին։ | ||
+ | |||
+ | Այսպես զրուցելով նրանք հասան մի բարձր սարի ստորոտը, որ սլանում էր՝ վեր ուրիշ լեռների բազմության միջից։ Խաղաղ վտակը ոլորվում էր նրա կողերով և գոտեպնդում մի սքանչելի կանաչ դաշտ, որի վրա առանց հիացումի չէր կարելի նայել։ Այստեղ բազմաթիվ վայրի ծառեր էին բսնում և բույս ու ծաղիկների այդ վայրը առավել ևս դուրեկան էին դարձնում։ Այս տեղը Տխուր Պատկերի Ասպետն ընտրեց իր ապաշխարանքի վայրը և տեսավ թե չէ, բարձրաձայն, խելագարի պես խոսեց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, երկինք, ահա այն վայրը, որ ես նշանակում և ընտրում եմ, որպեսզի ողբամ քո ինձ առաքած դժբախտությունները։ Ահա այն վայրը, որտեղ իմ աչքերի հեղուկը կմիախառնվի վտակի կոհակներին, որտեղ իմ անդադրում հոգվոցներից անընդհատ կսոսափեն լեռնային ծառերի տերևները՝ վկայելով և զրուցելով հոշոտված սրտի ցավերը։ Օ՜, ով էլ որ լինեք դուք, գեղջկական աստվածներ, որ ապրում են այս անմարդաբնակ վայրում, լսեցեք չարաբախտ սիրահարի գանգատները։ Երկարատև անջատումը և խանդոտ կասկածները մղում են նրան տոչորվելու լեռնային կիրճերում և գանգատվելու անզգա գեղեցկուհու անհողդողդությունից ― նրա, որ աշխարհիս երեսի ամենից գեղեցիկ թագ ու պսակն է։ Օ՜, դուք նապեներ ու դրիադներ,<ref>Նապեաներ ― հովիտների և մարգագետինների հավերժահարսեր, դրիադներ ― անտառային հավերժահարսեր։</ref> որ սովորաբար ապրում եք լեռների անտառապատ կողերում, թո՛ղ արագաշարժ ու տռփոտ Սատիրները, որոնք առանց փոխադարձության սիրահարված են ձեզ վրա, երբեք չխռովեն ձեր ուրախ հանգիստը և չխանգարեն ձեզ ինձ հետ ողբալու իմ աղետները կամ առնվազն առանց հոգնելու ունկնդրելու իմ հառաչանքներին։ Օ՜, Դուլսինեա Տոբոսցի, ցերեկ իմ գիշերում, իմ տանջանքի փառքը, իմ ուղիների կողմնացույցը, իմ երջանկության աստղը ― թո՛ղ երկինքը բարեհաճորեն կատարի քո բոլոր իղձերը ― նայի՛ր լոկ, թե ինչ օրի է հասցրել ինձ անջատումը և, ողորմած դու, պարգևատրիր ըստ արժանվույն իմ հավատարմությունը։ Օ՜, մենավոր ծառեր, այսուհետև իմ մենակության ընկերներ, ճյուղերի քնքուշ օրորումով ինձ նշան արեք, որ իմ ներկայությունը չի ծանրաբեռնում ձեզ։ Օ՜, դու զինակիրդ իմ, իմ հաջողությունների և աղետների հաճելի ուղեկից, տպավորիր քո հիշողության մեջ այն ամենը, որ ես հիմա կանեմ և հաղորդիր ու պատմիր այդ իմ բոլոր արարմունքի միակ մեղապարտին։ | ||
+ | |||
+ | Այդ ասելով նա վայր թռավ Ռոսինանտից և վայրկենաբար հանեց նրա թամքն ու սանձը, ապա ձեռքը խփեց նրա գավակին ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, երիվար, նույնքան հռչակված սեփական սխրագործություններով, որքան զրկված բախտից։ Քեզ ազատություն է շնորհում նա, ով որ ինքը զուրկ է ազատությունից։ Գնա, ուր որ կամենաս, որովհետև քո ճակատին գրված է, թե ոչ Աստոլֆի Հիպոգրիֆը, ոչ հռչակավոր Ֆրոնտինոն, որ այնքան թանկ նստեց Բրադամանտի վրա,<ref>Ակնարկում է «Կատաղած Ռոլանդի» միջադեպերի մասին, երգ IV և հաջորդը։ Հիպոգրիֆ ― հեքիաթային կենդանի, կիսով չափ ձի, կիսով չափ գրիֆ (վերջինս էլ հեքիաթային թռչուն է)։</ref> չեն համեմատվի քեզ հետ արագությամբ։ | ||
+ | |||
+ | Իսկ Սանչոն տեսնելով այդ, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սատանան տանի նրան, ով որ ազատեց մեզ գորշ էշիս փալանը հանելու հոգնությունից։ Ես էլ կարող էի խփել նրա մեջքին և ամեն տեսակ գովասանքներ ասել նրան։ Ասենք, եթե նա այստեղ լիներ, ես ոչ մի դեպքում չէի համաձայնի նրա փալանը հանել, ինչի՞ է պետք այդ։ Նրան ի՞նչ սիրահարների խելագարությունը, որ հուսակտուր են եղել, քանի որ Աստծուն հաճելի է եղել, որ նրա տերը ես լինեմ, ե՛ս, որ բնավ սիրահարված չեմ։ Բայց, ճիշտն ասած, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, եթե ձերդ ողորմածությունը լուրջ մտադիր է ինձ տեղ ուղարկելու և ապա խելագարվելու, ապա պետք է նորից թամքել Ռոսինանտին։ Նա կփոխարինի իմ կորած էշին, և այդպիսով ես ավելի շուտ կերթամ ու կվերադառնամ։ Իսկ եթե ես հարկադրված լինեմ ոտով գնալու, ապա գլուխ չեմ հանում, թե երբ տեղ կհասնեմ և երբ հետ կգամ, որովհետև, շիտակ ասած, ես ոտով գնալում ղոչաղ չեմ։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կա որ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― թող քո ասածը լինի, ― քո կարծիքը վատ չէ։ Դու այստեղից դուրս կգաս երեք օրից, որովհետև ես ուզում եմ, որ դու տեսած լինես, թե ես ինչ եմ անում ու ասում, իսկ հետո այդ պատմես նրան։ | ||
+ | |||
+ | ― Էլ ինչի՞ն նայեմ, ― ասաց Սանչոն։ ― Քի՞չ եմ տեսե՜լ։ | ||
+ | |||
+ | ― Դու բան չես հասկանում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ահա հիմա ես կսկսեմ պատառոտել իմ շորերը, կշպրտեմ դես ու դեն զրահներս, գլուխս քարով կտամ և այլ նման բաներ կանեմ, որ կմնաս զարմացած։ | ||
+ | |||
+ | ― Ի սեր Աստծու, ― ասաց Սանչոն, ― զգույշ խփեցեք ձեր գլուխը քարին, չէ՞ որ կարող է այնպիսի ժայռ պատահել և խփել գլուխը այնպիսի ժայռի, որ ձեր ողջ ապաշխարանքի օյինը միանգամից կպրծնի։ Եվ ահա թե ինչ խորհուրդ կտամ ձերդ ողորմածության՝ քանի որ դուք համարում եք, որ այդ գործում անհրաժեշտ է ճակատը խփել քարին և առանց դրան յոլա գնալ չի լինի, և քանի որ այդ ամբողջ պատմությունը հնարած բան է, ղալբ բան ու կատակերգություն, արդյոք բավական չէ՞ր լինի, որ ձերդ ողորմածությունը գլուխը ջրին խփեր կամ ուրիշ ավելի փափուկ առարկաների, ասենք՝ բամբակի, իսկ մնացածը ― ինձ թողնեք։ Իսկ ես տիրուհի Դուլսինեային կասեմ, որ ձերդ ողորմածությունը գլուխը տալիս էր սրածայր ժայռերին, որ ալմաստի պես ամուր են։ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ քո բարի ցանկության համար, Սանչո բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց ես պետք է ասեմ, որ այդ ամենը ես կատակի համար չեմ անում, այլ լուրջ, որովհետև ես այլապես խախտած կլինեմ ասպետականության օրենքները, որ արգելում են սուտը, իբրև կանոնադրության խախտում, ― իսկ մեկ բան անել մյուսի փոխարեն ― ստություն չէ։ Ահա թե ինչու գլուխը քարովը տալը պետք է իսկական լինի, ուժգին, կատարյալ, առանց կեղծիքի և ձևանալու որևէ խառնուրդի։ Անհրաժեշտ է նույնպես, որ դու ինձ համար մի քիչ ծվատ թողնես, բուժվելու համար, քանի որ բախտի բերմամբ մենք բալասանը կորցրել ենք։ | ||
+ | |||
+ | ― Ավելի վատն այն է, որ մենք կորցրինք էշին, ― պատասխանեց Սանչոն։ ― Չէ՞ որ նրա վրա էր ծվատն էլ, մնացած բաներն էլ։ Իսկ այն անիծված խմիչքը, աղաչում եմ, ձերդ ողորմածություն, ավելի լավ է՝ չհիշենք։ Բավական է, որ նրա անունը լսեմ, ոչ միայն հոգիս է շուռ գալիս, այլև ստամոքսս։ Մի բան էլ խնդրեմ՝ երևակայեցեք, որ ձեր նշանակած երեք օրվա ժամանակը դուրս է եկել, որ ձեր բոլոր գժությունները ես տեսել եմ, և այդ գործը համարում եմ վճռված ու վերջացած, իսկ ես մեր տիրուհուն հրաշք բաներ կփչեմ։ Դե, նամակ գրեցեք և շուտով ինձ ճամփա դրեք, որովհետև ես շատ եմ ուզում շուտ վերադառնալ և փրկել ձերդ ողորմածությանը այս քավարանից։ | ||
+ | |||
+ | ― Դու քավարա՞ն ես կոչում այս, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ավելի ճիշտ կլիներ, դժոխք անվանել կամ էլ՝ ավելի վատ, եթե միայն աշխարհիս երեսին ավելի վատ վայրեր կան։ | ||
+ | |||
+ | ― Մարդիկ ասում են, ― պատասխանեց Սանչոն, ― թե դժոխք ընկածի համար ― nulla est retentio։<ref>Սանչոն redemptio («փրկություն» տեղ ասում է retentio («կալանավորում»). լատիներեն լրիվ նախադասությունն է՝ In inferno nulla est redemptio («դժոխքից փրկություն չկա»)։</ref> | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում retentio ինչ ասել է, ― ասաց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Retentio, ― պատասխանեց Սանչոն, ― կնշանակի՝ ով որ ընկել է դժոխքը, այլևս այնտեղից դուրս գալ չի կարող։ Իսկ ձերդ ողորմածության բանը հակառակն է լինելու, եթե միայն ոտներս չգոսանան և կարողանամ խթանել Ռոսինանտին։ Հենց որ Տոբոսո հասա և մեր տիկին Դուլսինեային ներկայացա, ես նրան այն տեսակ բաներ կասեմ հիմարությունների և գժությունների մասին (որ միևնույն բանն է), որ ձերդ ողորմածությունը արել է և շարունակում է անել, որ նա ձեռնոցից փափուկ կդառնա, թեև մինչ այդ կաղնուց էլ ամուր եղած լիներ։ Ապա, նրա մեղրի պես քաղցր պատասխանը հետս, ես կախարդի պես հետ կթռչեմ օդով և ձերդ ողորմածությանը կհանեմ այն քավարանից, որ միայն արտաքուստ է դժոխքի նմանում, քանի որ դուք հույսներդ չեք կտրում, որ այնտեղից դուրս կգաք ― իսկ ես արդեն զեկուցեցի ձեզ, որ դժոխքում մեղավորներն այդ հույսը չունեն, և ես չեմ կարծում, որ ձերդ ողորմածությունը կարող լինի ինձ մի բան առարկել։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց Տխուր Պատկերի Ասպետը։ ― Բայց նամակը ինչպե՞ս գրենք։ | ||
+ | |||
+ | ― Եվ գրությունը, որ էշի քուռակներն ստանամ, ― ավելացրեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչ կլինի, ամեն ինչ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն մենք թուղթ չունենք, ուստի և պետք է, որ մենք հին մարդկանց օրինակով ծառերի տերևների և մոմած տախտակերի վրա գրենք, թեև այստեղ մոմած տախտակներ գտնելը նույնքան դժվար կլինի, որքան թուղթ գտնելը։ Բայց ահա երջանիկ մի միտք՝ չէ՞ որ ես այդ գործի համար կարող եմ օգտվել Կարդենիոյի հուշատետրից։ Իսկ դու առաջին իսկ ավանում, որտեղ որ հասար, աշխատիր որևէ դպրոցի ուսուցիչ կամ գոնե տիրացու գտնել և նամակս լավ թղթի վրա և գեղեցիկ ձեռքով արտագրել տուր։ Միայն թե տես, գրագիրներին չտաս, որ սովորաբար գրում են գրիչը թղթից չպոկելով, այնպես որ նրանց ձեռքը սատանան էլ չի ջոկում։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ստորագրություն ինչպես անենք, ― հարցրեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Ամադիսը իր նամակները երբեք չէր ստորագրում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Այդ այդպես է, ― ասաց Սանչոն, ― բայց գրությունը անպատճառ պետք է ստորագրած լինի, իսկ եթե արտագրել տալու լինենք, անշուշտ կասեն, թե ստորագրությունը կեղծ է, և ես այդպես էլ առանց քուռակների կմնամ։ | ||
+ | |||
+ | ― Գրությունը ես հուշատետրում կստորագրեմ, և երբ որ քրոջս աղջիկը իմ ձեռքը տեսնի, առանց որևէ դժվարության իմ հանձնարարությունը կկատարի։ Գալով սիրային գրության՝ կարգադրիր, որ այսպես ստորագրեն՝ «Ցգերեզման ձեր Տխուր Պատկերի Ասպետ»։ Փույթ չէ, որ ուրիշի ձեռքով գրված կլինի, որքան ես հիշում եմ, Դուլսինեան ո՛չ գրել գիտե, ո՛չ կարդալ և իր ողջ կյանքում ոչ իմ նամակի երեսն է տեսել, ոչ իմ ձեռքի, որովհետև մեր փոխադարձ սերը միշտ պլատոնական է եղել և պարկեշտ հայացքներից դենը չի անցել։ Նայելն էլ մենք իրար շատ հազվադեպ ենք նայել, և ես խղճի մտոք կարող եմ երդվել, որ ամբողջ տասներկու տարվա ընթացքում ես նրան իմ աչքի լույսից ավել եմ սիրում, աչքի, որ վաղ թե ուշ հողի տակը կերթա, ես նրան չորս անգամ էլ տեսած չեմ լինի և շատ հնարավոր է, որ նա ինքը նկատած էլ չլինի, որ ես նայել եմ նրան՝ ահա թե ինչքան խիստ ու փակ են կրթել Դուլսինեային Լորենսո Կորչուելոն՝ նրա հայրը և նրա մայր՝ Ալդոնսա Նոգալեսը։ | ||
+ | |||
+ | ― Պա֊պա֊պա֊պա, ― բացականչեց Սանչոն։ ― Կնշանակի տիրուհի Դուլսինեա Տոբոսցին ոչ այլ ոք է, քան եթե Լորենսո Կորչուելոյի, այլապես Ալդոնա Լորենսոյի աղջի՞կը։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և նա արժանի է ամբողջ աշխարհի թագուհին լինելու։ | ||
+ | |||
+ | ― Ես նրան շատ լավ ճանաչում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― բարրուն նա այնպես է նետում,<ref>Նկատի ունի ժողովրդական խաղը՝ երկաթե ձողեր նետելը (barra ― ձող), խաղը տանում է նա, ով ավելի հեռու է նետում, ընդ որում՝ անհրաժեշտ է, որ ձողը տափակ կողմով ընկնի։</ref> որ ամենաուժեղ երիտասարդը գյուղում նրան չի հասնի։ Թող Աստված պատժի ինձ, այնպես աղջիկ է, որ լավ ու լիքը ― տռուզ կնիկ է։ Նա ինչ ասպետ ասես՝ թափառական թե թափառելու մտադիր, միրքից կբռնի ցեխից կհանի, եթե միայն իր սիրածը լինի։ Գետի՜նը մտնեմ, ի՜նչ ուժ ունի, ի՜նչ ձայն։ Պետք է ձեզ ասեմ, որ մի անգամ նա բարձրացել էր զանգակատունը և կանչում էր իր հոր բատրակներին, որ աշխատում էին դաշտում, և թեև նրանք գյուղից ավելի քան կես մղոն հեռու էին, նրանք նույնքան պարզ լսեցին, ասես թե զանգակատան կողքին կանգնած լինեին։ Իսկ ամենալավը նրա մեջ այն է, որ իսկի նազ ու թազ չի ծախում, բոլորին վրա է տալիս,<ref>Բնագրում անթարգմանելի բառախաղ է, Դուլսինեայի մասին ասված է, որ նա իսկական «cortesana» է, ընդ որում՝ cortesana նշանակում է և՛ «մայրաքաղաքի (նուրբ) տիկին, և՛ «կուրտիզանուհի»։ </ref> բոլորի հետ հանաք֊մասխարություն է անում և ամեն ինչ նրան ծիծաղեցնում ու զվարճացնում է։ Հիմա ես կարող եմ ասել, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, որ դուք ոչ միայն կարող եք և պետք է որ նրա համար գժություններ անեք, այլ որ ձերդ ողորմածությունը կատարյալ հիմք ունի հուսակտուր լինելու և անգամ կախվելու, իսկ եթե մեկն ու մեկը այդ իմանա, ապա, անշուշտ, կասի, որ դուք վերին աստիճանի ճիշտ եք արել, անգամ եթե ինքը սատանան հետո ձեզ դժոխքը տանելու լինի։ Ես անհամբեր եմ ճամփա ընկնելու, որպեսզի նրան տեսնեմ։ Քանի օր է, ինչ նրան չեմ տեսել և, և երևի, նա փոխված կլինի։ Չէ՞որ նա միշտ դաշտում է լինում, բաց օդում և բարկ արևի տակ, ― իսկ դրանից կնոջ դեմքը փչանում է։ Էհ, հիմա, սինյոր դոն Կիխոտ, ձերդ ողորմածությանը մի ճշմարտություն բանամ՝ մինչև օրս ես խորին տգիտության մեջ եմ եղել, որովհետև հաստատ ու ամուր կարծում էի, թե տիրուհի Դուլսինեան, որին ձեր ողորմածությունը սիրահարված է, ինչ֊որ իշխանուհի է կամ ընդհանրապես կարևոր անձ, արժանի այն ճոխ նվերների, որ ձերդ ողորմածությունը նրան ուղարկում էր։ Չէ՞ որ դուք նրան ուղարկեցիք բիսկայցուն, տաժանակիր աշխատանքի դատապարտյալներին և, երևի, շատ ուրիշ բաներ, ― երևի՛ ձերդ ողորմածությունը քիչ հաղթանակներ չի տարել այն պահին, երբ որ ես դեռ ձեր զինակիրը չեմ եղել։ Բայց լավ միտք արեք, տիրուհի Ալդոնսա Լորենսոյին, այսինքն՝ ուզում եմ ասել տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն ի՞նչ օգուտ, որ ձերդ ողորմածությունը նրա մոտ հաղթվածներ է ուղարկում և ուղարկելու է, իսկ սրանք ծունկ են չոքելու նրա առջև։ Չէ՞ որ կարող է պատահել, որ նրանց գալստյան վայրկյանին նա կտավատ գցելիս լինի կամ կալ կալսելիս։ Նրանք, այդպիսի աշխատանքի վրա գտնելով նրան, կբարկանան, իսկ նա ձեր նվերի վրա կխնդա ու կնեղանա։ | ||
+ | |||
+ | ― Քանի֊քանի անգամ ես քեզ արդեն ասել եմ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― որ դու մեծ շաղակրատ ես և թեև բթամիտ ես, բայց շարունակ սրախոսում ես։ Սակայն որպեսզի քեզ համար պարզ լինի, թե որքան դու հիմար ես և որքան ես խելոք եմ, ես քեզ մի փոքրիկ զրույց կպատմեմ։ Լինում է, չի լինում մի երիտասարդ և գեղեցիկ այրի կին։ Նա ազատ, հարուստ և ոչ խիստ բարքերի տեր է լինում և սիրահարվում է մի ջահել աբեղայի՝ հաղթանդամ ու զորեղ մի տղայի։ Լուրը հասնում է վանահորը և մի անգամ, իբրև թե բարի խորհուրդ, նա ասում է բարի այրուն․ «Զարմանում եմ ես, տիրուհի, և ոչ առանց պատճառի՝ ձերդ ողորմածությունը, ազնվական, գեղեցիկ և հարուստ լինելով, սիրահարվել է այսպիսի մի կեղտոտ, կոպիտ և ախմախ գյուղացու։ Մինչդեռ մեր վանքում այնքան մագիստրոսներ, դասախոսներ և աստվածաբաններ կան, և ձերդ ողորմածությունը կարող էր ընտրել որ խմբից էլ ուզենար ըստ իր ճաշակի և ասել՝ «սրան չեմ ուզում, նրան եմ ուզում»։ Տիրուհին դրան շատ ուրախ և անբռնազբոսիկ պատասխանել է․ «Ձերդ ողորմածությունը, սինյորդ իմ, չարաչար սխալվում է և շատ է հետ մնացել դարից, եթե կարծում է, որ ես սիրահարի լավ ընտրություն չեմ արել, թեև նա ախմախ է երևում ― որովհետև այն բանում, որ ես նրանից պահանջում եմ, նա նույնպիսի փիլիսոփա է, ինչպես և Արիստոտելը, գուցե և ավելի»։ Ահա՛, Սանչո, այն բանում, որ ինձ պետք է Դուլսինեա Տոբոսցուց, նա աշխարհիս ամենաազնվազարմ տիկնոջ դիմաց տեղի չի տա։ Բոլոր պոետները, որ կամայականորեն ընտրած անունների տակ փառաբանում են իրենց տիկիններին, իրականում հո չեն սիրահարված նրանց վրա։ Մի՞թե դու կարծում ես, որ բոլոր Ամարիլիսները, Ֆիլիները, Սիլվիները, Դիանաները, Գալաթեաները, Ֆիլիդները և այլ տիկիններ, որոնցով ողողված են գրքերը, երգերը, դալլաքների դուքանները և թատրոնները, իրականում միս ու արյուն առած կանայք են եղել և նրաց սիրուհիներն են եղել, ովքեր նրանց երգել կամ երգում են։ Իհարկե ո՛չ։ Մեծ մասամբ պոետները նրանց ուղղակի հնարում են, որպեսզի մեկնումեկի մասին ոտանավոր գրած լինեն և որպեսզի ամենքը նրանց սիրահարված համարեն կամ սիրո արժանի մարդիկ։ Ինձ համար էլ միանգամայն բավական է երևակայել և հավատալ, որ այդ փառավոր Ալդոնսա Լորենսոն գեղեցիկ և ազնիվ աղջիկ է։ Գալով նրա տոհմի մաքրության՝ այդ էական չէ։ Ո՞վ է նրա մասին տեղեկանք քաղելու, ինչպես այդ արվում է որևէ Ուխտի մեջ մտնելու միջոցին։<ref>Ուխտի կազմակերպության մեջ մտնողներից պահանջվում էր վկայական առ այն, որ նրա տոհմն ազատ է հրեական կամ մավրիտանական արյան խառնուրդից։</ref> Ուստի ինձ համար նա ամենաազնվազարմ իշխանուհին է աշխարհիս երեսին։ Դու պետք է իմացած լինես, Սանչո, եթե միայն դու այդ չգիտես, որ երկու բան առանձնապես սեր են հարուցանում, այն է՝ մեծ գեղեցկությունը և բարի համբավը և այդ երկուսն էլ հատուկ են Դուլսինեային։ Ոչ ոք չի հասնի նրան գեղեցկությամբ, իսկ բարի համբավով նրա հետ քիչ կին վեճի կբռնվի։ Մի խոսքով, ես համարում եմ, որ իմ բոլոր խոսքերը ― ոչ ավել, ոչ պակաս ― զուտ ճշմարտություն է, և իմ երևակայության մեջ ես նրան այնքան չքնաղ և ազնիվ եմ պատկերում, ինչքան ես կամենում եմ նրան տեսած լինել։ Նրան չի հասնի Հեղինեն, նրա հետ չեն կարող մրցել ոչ Լուկրեցիաները, ոչ էլ անցած ժամանակների հույն, բարբարոս և լատին հռչակավոր կանայք։ Եվ թող մարդիկ ինչ ուզում են՝ ասեն։ Որովհետև եթե համբակները ինձ պարսավելու լինեն, ապա խիստ դատավորները չեն կարողանա դատապարտել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Խոստովանում եմ, որ ձերդ ողորմածությունը միանգամայն արդարացի է, ― պատասխանեց Սանչոն, ― իսկ ես էլ էշ եմ։ Միայն թե ինչի՞ց էր, որ բերնիցս «էշ» բառը դուրս թռավ։ Ախր, կախվածի տանը թոկից չեն խոսի։ Դեհ, նամակը տվեք և մնաք բարով, ես մեկնում եմ։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը հանեց հուշատետրը և, մի կողմ քաշվելով, սկսեց կենտրոնացած նամակ գրելը, և ապա ավարտելով մոտ կանչեց Սանչոյին և ասաց, որ կամենում է նրան կարդալ իր թուղթը, որպեսզի նա անգիր հիշի, եթե բան է, ճամփին կորցնելու լինի, որովհետև բախտը այնքան դաժան է իր նկատմամբ, որ ամեն բանից պետք է զգուշանալ։ Սանչոն դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Դուք, ձերդ ողորմածություն, հուշատետրում մի երկու կամ երեք անգամ գրեցեք և ինձ տվեք էլի, իսկ ես սաղ֊սալամաթ տեղ կհասցնեմ։ Իսկ եթե դուք կարծում եք, որ ես կարող եմ անգիր անել, ապա ներողամիտ եղեք՝ իմ հիշողությունն այնքան ծակ է, որ ես հաճախ իմ սեփական անունն էլ եմ մոռանում, իսկ կարդալը ― կարդացեք, ինձ համար հաճելի կլինի լսելը։ Երևի զորս դու պատվիրեցեր է գրված։ | ||
+ | |||
+ | ― Դե լսիր, թե ես ինչ եմ գրել, ― ասաց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | |||
+ | <b>Դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն</b> | ||
+ | |||
+ | ::::<b>Բարձր ու իշխանազոր տիրուհի</b> | ||
+ | |||
+ | |||
+ | <i>Քեզնից անջատման խայթից մինչև սրտի խորքը վիրավորված ու խոցված ասպետը, օ՜հ, քաղցրագույն Դուլսինեա Տոբոսցի, քեզ առողջություն է ցանկանում, թեև ինքը զրկված է նրանից։ Եթե քո գեղեցկությունը արհամարհում է իմը, եթե քո արժանիքները կռվի են ելնում իմ դեմ, եթե քո արհամարհանքը ինձ կործանում է բերում, ― թեև ես սովոր եմ տառապանքի, այդ ցավը ես չեմ տանի, քանի որ նա ոչ միայն խորը, այլև տևական է։ Իմ բարի զինակիր Սանչոն քեզ լիակատար հաշիվ կտա, օ՜, խստասիրտ գեղեցկուհի, օ՜, իմ սիրած թշնանի, թե դու ինձ ի՜նչ վիճակի ես հասցրել։ Եթե ինձ օգնության արժանի նկատես, ես քոնն եմ, իսկ եթե ոչ, վարվիր, ինչպես քեզ հաճելի լինի՝ բաժանվելով կյանքից ես հույս ունեմ հագեցնել քո խստասրտությունը և իմ կիրքը։</i> | ||
+ | |||
+ | :::<i>Մինչև գերեզման քո՝</i> | ||
+ | ::::::<b>Տխուր Պատկերի Ասպետ</b> | ||
+ | |||
+ | |||
+ | ― Իմ հոր արևը վկա, ― բացականչեց Սանչոն, լսելով այս թուղթը, ― ոչինչ ավելի վեհ բան ես կյանքումս չեմ լսել։ Արմանք և զարմանք, թե ի՜նչ սիրուն է արտահայտում ձերդ ողորմածությունը, շիտակ ասեմ, իսկական սատանա է՝ ինչե՜ր ասես, որ դուք չգիտեք։ | ||
+ | |||
+ | ― Իմ գործում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ամեն բան պիտի իմանաս։ | ||
+ | |||
+ | ― Դե հիմա, ― շարունակեց Սանչոն, ― ձերդ ողորմածություն, հետևին մի գրություն գրեցեք երեք քուռակների մասին և ինչքան կարելի է պարզ ստորագրեցեք, որպեսզի ամեն ոք տեսնի թե չէ, իսկույն ձեր ձեռքը ճանաչի։ | ||
+ | |||
+ | ― Սիրով, ― պատասխանեց դոն Կիխոտը և գրելով, կարդաց հետևայլը․ | ||
+ | |||
+ | |||
+ | <i>Կարգադրեցեք, ձերդ ողորմածություն տիրուհի քրոջ աղջիկ, հանձնել այս իմ համար առաջին կտրոնի ներկայացնող, իմ զինակիր Սանչո Պանսային երեք քուռակ այն հնգից, որ ես մեկնելով թողել եմ և հանձնել ձերդ ողորմածության հոգատարության։ Այդ երեք քուռակներին հրամայում եմ հանձնել նրան՝ ի տրիտոր այստեղ նրանից ստացածս երեք այլ քուռակների։ Այդ անելուց և նրանից գրություն ստանալուց հետո նրա մեզ հետ ունեցած հաշիվները պետք է փակված համարել։ Գրված է Սյերրա֊Մորենայի խորքերում, սույն ընթացիք տարվա օգոստոսի քսաներկուսին։</i> | ||
+ | |||
+ | |||
+ | ― Հրաշալի է, ― ասաց Սանչոն, ― իսկ հիմա, ձերդ ողորմածություն, ստորագրեցեք։ | ||
+ | |||
+ | ― Ստորագրելու կարիք չկա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բավական է, որ տակին խաչ քաշեմ ― դա միևնույնն է, թե ստորագրություն, նա հերիք կտա ոչ թե երեք, այլ երեք հարյուր քուռակ ստանալու։ | ||
+ | |||
+ | ― Հավատում եմ ձերդ ողորմածությանը, ― պատասխանեց Սանչոն։ ― Դե, բաց թողեք ինձ, որ գնամ֊թամքեմ Ռոսինանտին, իսկ դուք, մինչ այդ, պատրաստվեցեք ինձ ձեր օրհնությունը տալու։ Ես իսկույն կմեկնեմ և էլ չեմ նայի այն գժություններին, որ ձերդ ողորմածությունը մտադիր է անելու։ Միևնույն է՝ ես կասեմ, թե այնքան շատ գժություններ եմ տեսել, որ ավելին պետք չի գա։ | ||
+ | |||
+ | ― Բայց, առնվազն ես կամենում եմ, Սանչո, ― որովհետև դա ծայր աստիճան կարևոր է, ― կրկնում եմ, ես կամենում եմ, որպեսզի դու տեսնես, թե ինչպես ես մերկ մի երկու տասնյակ գժություն կանեմ, մի բան, որ կես ժամ կքաշի։ Եթե դու քո սեփական աչքերով տեսնես, դու հանգիստ խղճով կարող ես երդվել, որ այն գժություններն էլ ես տեսել, որ քո խելքին կփչի ավելացնել։ Եվ կարող ես հավատացած լինել, որ ինչքան էլ դու հիշատակելու լինես, իրոք նրանց թիվն ավելի կլինի։ | ||
+ | |||
+ | ― Ի սեր Աստծու, տեր իմ, մի ստիպեք ինձ նայելու ձերդ ողորմածությանը տկլոր֊տկլոր՝ այնպես մեղքս կգաք, որ ես անպատճառ լաց կլինեմ, իսկ ես երեկ գորշ էշիս համար այնքան եմ լացել, որ գլուխս ուռել է, և ես չեմ կարող նորից սկսել լալ։ Իսկ եթե ձերդ ողորմածությունն անպատճառ ուզում է ինձ որևէ գժություն ցույց տված լինել, ապա հագնված արեք և շուտով, առաջին ձեր գլուխն եկածներից։ Մանավանդ որ ինձ համար այդ բոլորովին հարկավոր չէ՝ ինչպես ես ձեզ արդեն զեկուցել եմ, դա միայն կհետաձգի իմ վերադարձը այն լուրերով, որ ձերդ ողորմածությունն սպասում է և արժանի է։ Թող տիրուհի Դուլսինեան հաստատ իմանա՝ եթե նա չպատասխանի ինչպես հարկն է, ապա ես հանդիսավոր երդում եմ տալիս ― նրան այնպես ջարդ ու բուրդ կանեմ, որ փորիցը ծեծելով նպաստավոր պատասխան կհանեմ։ Ներողամիտ եղեք, բա ո՞նց համբերես, որ ձերդ ողորմածության պես հռչակավոր մի թափառական ասպետի խելքը ցնդի այդ տեսակ․․․ Չէ, թող նա չստիպի ինձ մինչև վերջ ասել, թե չէ ես այնպես կասեմ, որ իմ հախիցն էլ կգամ, նրա հախիցն էլ։ Ես ուստա եմ։ Նա ինձ լավ չի ճանաչում։ Իսկ եթե ճանաչեր, ապա իմ անունը կրող սրբի օրը պաս կպահեր։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտն ասած, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― ինձ թվում է, որ քո գլուխը ավելի տեղը չէ, քան իմը։ | ||
+ | |||
+ | ― Ես պակաս գիժ չեմ, ― պատասխանեց Սանչոն, ― և ավելի բարկացկոտ եմ։ Բայց թողնենք այդ։ Ավելի լավ կլինի, որ ասեք, թե ձերդ ողորմածություը մինչև իմ վերադարձը ի՞նչ է ուտելու։ Հո միտք չունե՞ք Կարդենիոյի պես դուրս վազել ճամփաները և կողոպտել հովիվներին։ | ||
+ | |||
+ | ― Դրա մասին դու անհանգիստ մի՛ լինիր, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Եթե անգամ ես ուտելիք ունենայի, դարձյալ ես բան չէի ուտի բացի այս դաշտի և այս ծառերի պտուղներից։ Չէ՞ որ իմ ձեռնարկության ամբողջ նրբությունը այն է, որ չուտես և ամեն տեսակի զրկանքի ենթարկես քեզ։ | ||
+ | |||
+ | Սանչոն դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Գիտե՞ք, ձերդ ողորմածություն, թե ինչից եմ վախենում ես։ Սա այնպիսի խուլ տեղ է, որ ես, գուցե, հետ գալուս ճանապարհը չգտնեմ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դու նշանները մտքումդ լավ պահիր, ― ասաց դոն Կիխոտը, ― ես էլ կաշխատեմ այստեղից հեռու չգնալ և ժամանակ առ ժամանակ կբարձրանամ ամենաբարձր ծառերի վրա, որ տեսնեմ՝ չես վերադառնում դու արդյոք։ Ասենք՝ ավելի հաստատ լինելու համար, որ չմոլորվես և հետքերը չկորցնես, կտրատիր որոճի ճղներից ― տեսնո՞ւմ ես՝ ինչ շատ է բռնել շուրջը ― ճամփին կարճ տարածությունների վրա գցիր, մինչև որ ուղիղ տեղ հասնես՝ այդ ուղենիշներով և նշաններով, ինչպես Թեսևսի թելով լաբիրինթոսում, վերադարձիդ դու ինձ կգտնես։ | ||
+ | |||
+ | ― Շատ բարի, այդպես էլ կանեմ, ― պատասխանեց Սանչո Պանսան։ Նա կտրատեց որոճի մի քանի ճյուղ, իր տիրոջ օրհնությունն առավ և վերջապես նրանք բաժանվեցին աղի արցունք թափելով։ Սանչոն հեծավ Ռոսինանտը և, դոն Կիխոտից պատվեր ստանալով խնայել ու խնամել ձիուն, ինչպես իրեն, ուղևորվեց դեպի դաշտավայրը, ժամանակ առ ժամանակ որոճի ճյուղ գցելով գետին, ինչպես իր տերն էր պատվիրել։ Այդպես էլ գնաց նա, թեև դոն Կիխոտը չէր դադարում նրանից խնդրելուց, որ գոնե մի երկու գժություն մտիկ տա։ Սակայն դեռ հարյուր քայլ չանցած, Սանչոն վերադարձավ ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածություն, դուք քիչ առաջ շատ ճիշտ ասացիք, որ ես ձեղ գժություններից մեկը գոնե պետք է տեսնեմ, թե չէ հոգուս վրա մեղք կառնեմ, | ||
+ | ― եթե երդվեմ, թե տեսել եմ, ― թեպետ ձեր մեծ գժություններից մեկը ես արդեն տեսել եմ դա այն է, որ ձերդ ողորմածությունը մնում է այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Չէ՞ի ասում քեզ ես նույնը, ասաց դոն Կիխոտը։ ― Քիչ սպասիր, Սանչո, հազիվ թե կարողանամ մինչև վերջ ասել «Հայր մեր»֊ը, ես արդեն պրծած֊պրծած կլինեմ։ | ||
+ | |||
+ | Արագ֊արագ վարտիքը հանելով, նա մերկ մարմնի վրա լոկ շապիկ հագած և առանց երկար ու բարակ առաջաբանների մի երկու թռիչք գործեց օդում, ապա մի երկու անգամ գլուխկոնծի տվեց ― գլուխը վար, ոտները վեր։ Սանչոյի աչքերին այնպիսի նորություններ բացվեցին, որ նա, չկամենալով նրանց կրկին տեսնել, շուռ տվեց Ռոսինանտի գլուխը և ճամփա ընկավ, լիովին բավարարված և գոհ, որովհետև հիմա նա կարող էր երդվել, որ իր տերը գժվել է։ Այստեղ էլ մենք կբաժանվենք նրա հետ՝ սպասելով նրա շուտափույթ վերադարձին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXVI== | ||
+ | |||
+ | Որ զրուցում է դոն Կիխոտի հետագա սիրային սխրագործությունների մասին Սյերրա֊Մորենում | ||
+ | |||
+ | |||
+ | Վերադառնալով մեր պատմությանը, թե ինչ էր անում Տխուր Պատկերի Ասպետը մենակ մնալով, մեր պատմությունը հաղորդում է, որ երբ դոն Կիխոտը վերջացրեց իր գլուխկոնծիները և թռիչքները և նկատեց, որ Սանչոն, չկամենալով ներկա լինել հետագա գժություններին, արդեն գնացել է, վեր ելավ մի բարձր ժայռի կատարը և սկսեց մտածել այն մասին, ինչի մասին նա բազմիցս մտածել էր, թեպետ մինչև հիմա չէր կարողացել որևէ եզրակացության գալ, այն է՝ ո՞րն է ավելի լավ և օգտավետ ― նմանվել Ռոլանդի՞ն նրա կատաղի գազազումներո՞վ, թե՞ Ամադիսին, մելամաղձիկ խելագարությամբ։ Ինքն իրեն դատողություններ անելով՝ նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ամենքն ասում են, թե Ռոլանդը բարի և արի ասպետ է եղել, բայց դա զարմանալի չէ, որովհետև, վերջ ի վերջո, նա կախարդված էր և նրան այլ կերպ չէր կարելի սպանել, բայց եթե քորոց կոխելով նրա կրունկը, իսկ նա միշտ յոթ երկաթե տակով կոշիկ էր հագնում։ Այնուհանդերձ, ոչ մի խորամանկություն նրան չօգնեց, որովհետև Բերնարդե դել Կարպիոն գլխի ընկավ և Ռոնսևալում նրան խեղդեց իր գրկում։ Բայց մի կողմ թողնենք նրա քաջությունը, քննենք հիմա, թե ինչպես նա խելքը կորցրեց։ Անտարակույս, նա խելագարվեց, երբ որ աղբյուրի մոտ հետքեր տեսավ, և հովիվը հաղորդեց նրան, որ Անջելիկան ճաշից հետո երկու անգամից ավել քնել է Մեդորի հետ, գանգրահեր մավրի, Ագրամանտի պաժի հետ։ Եթե նա վճռել է, որ այդ ճիշտ է, որ տիրուհին իրեն այդպիսի վիրավորանք է հասցրել, ապա ի՞նչ մեծ բան է, որ նա խելագարվել է։ Սակայն ինչպե՞ս ընդօրինակեմ ես նրա խելագարությունը, քանի որ ես նման հիմք դրա համար չունեմ։ Չէ՞ որ ես կարող եմ երդվել, որ իմ Դուլսինեա Տոբոսցին իրեն օրում կենդանի մավր իր իսկական հագուստով տեսած չկա և որ նա նույնքան անմեղ է, ինչպես նրան ծնող մայրը։<ref>Դոն Կիխոտն էլ Սանչոյի նման աղավաղում է առածը։</ref> Ես նրան աչքարա վիրավորանք հասցրած կլինեի, եթե կասկածեի և սկսեի անզուսպ Ռոլանդի նման գժություններ անել։ Մյուս կողմից՝ ես գիտեմ, որ Ամադիս Գաղղիացին, առանց բանականությունը կորցնելու և առանց որևէ գժություն անելու, հռչակվել է իր սիրահարությամբ, ինչպես և ոչ ոք աշխարհիս երեսին։ Որովհետև նրա պատմության մեջ ասված է, որ երբ նրան տիրուհի Օրիանան մերժեց, հրամայելով, որ իր աչքին չերևա, մինչև որ իր կամքը չլինի, նա մի ճգնավորի ուղեկցությամբ քաշվեց Պենյա Պոբրե և, իր հոգին Աստծուն պահ տալով, արցունք էր թափում, մինչև որ երկինքը մեղմացավ նրա մեծ վշտի ու արիության համար։ Եթե այդ ամենը ճիշտ է, (մի բան, որ անկասկած է), ապա ինչո՞ւ ես վերցնեմ ինձ վրա հոգնությունը մերկանալու և տանջելու այս ծառերը, որ ինձ ոչ մի վնաս չեն տվել։ Ինչո՞ւ պղտորեմ այս վտակների վճիտ ջուրը, որոնք կհագեցնեն իմ ծարավը, երբ որ ես կամենամ։ Կեցցե՜ Ամադիսի հիշատակը և թող կարյաց չափ հետևի նրա օրինակին դոն Կիխոտ Լամանչեցին, որի մասին կասեն նույնը, ինչ որ մի այլ հերոսի մասին են ասում․ «Մեծ գործեր նա չկատարեց, բայց մեռավ՝ հոգով ձգտելով նրանց»։<ref>Երկու տող կորցրած ոտանավորից, որտեղ, ըստ երևույթին, ակնարկ է եղել Ֆայետոնի կամ Իկարի պատմության մասին։</ref> Ճիշտ է, իմ Դուլսինեան չի մերժել, չի արհամարհել ինձ, բայց միթե, ինչպես ես արդեն ասացի, ինձ համար բավական չէ՞ այն, որ ես նրանից անջատված եմ։ Արդ՝ հառաջ և դեպի աշխատանք։ Իսկ դուք, Ամադիսի գործեր, եկեք իմ միտքը և սովորեցրեք ինձ, թե ինչից սկսեմ, ընդօրինակելով ձեզ։ Այո՛, ես մտաբերում եմ՝ նա ամենից շատ աղոթում էր՝ իրեն հանձնելով Աստծուն։ Միայն թե ինչ անենք, որ տերողորմյա չունեմ։ | ||
+ | |||
+ | Սակայն նա շուտով տերողորմյա չլինելու հնարը գտավ՝ իր շապիկի փեշից մի լայն շերտ կտրելով, որ կախ էր ընկնում նրա ոտների տակ, նա տասնմեկ տեղից կշկռեց։ Հանգույցներից մեկը մյուսներից մեծ էր և ստացվեց տերողորմյա, որ նրան հերիք կտար միլիոն անգամ ave Maria ասելու, որ նա պիտի կրկներ այստեղ գտնվելու ամբողջ ժամանակի ընթացքում։ Մի բան միայն շփոթեցնում էր նրան՝ որտեղից ճգնավոր գտներ, որ նրան խոստովանեցներ և մխիթարեր։ Այդպես էր նա անց կացնում իր ժամաակը, զբոսնելով դաշտում և հորինելով ոտանավորներ կա՛մ իր վշտի մասին, կա՛մ գովք Դուլսինեային։ Նա ծառերի կևեղների վրա էր կտրատում գրերը կամ մանր ավազի վրա գծում։ Սակայն երբ որ մեր ասպետին գտան, բոլոր այդ ոտանավորներից մնացել և ընթեռնելի էր հետևյալը՝ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Ծառե՛ր, Սեզե՛ր անուշաբույր, | ||
+ | Որ շրշում եք, նազում անհոգ, | ||
+ | Քե՜զ եմ բերում ցավս անլուր, | ||
+ | Խոցված սիրտս վշտամորմոք։ | ||
+ | |||
+ | Թող ձեր սրտում՝ անբիծ, քնքուշ | ||
+ | Վերք չբացի վերքն իմ սրտի․․․ | ||
+ | Ձեր թիվն ունեն, ծաղկունք անուշ, | ||
+ | Արցունքները դոն Կիխոտի, | ||
+ | Որից հեռու է աննման | ||
+ | Տոբոսեցի Դուլսինեան։ | ||
+ | |||
+ | Ո՛վ դաշտ, ո՛վ դաշտ լուռ ու անդոր, | ||
+ | Ո՞ւր հասցրեց սիրո ծաղկին | ||
+ | Անագորույն ու նենգավոր | ||
+ | Դաժանությունը մարդկային։ | ||
+ | |||
+ | Սիրուց դառել եմ ես Էրոս, | ||
+ | Չի տառապել ինձ նման դեռ | ||
+ | Ոչ մի ասպետ, ոչ մի հերոս․․․ | ||
+ | Թափի՛ր Կիխոտ, դառն արցունքներ, | ||
+ | Քեզնից հեռու է աննման | ||
+ | Տոբոսցի Դուլսինեան։ | ||
+ | |||
+ | Ես արկածներ որոնեցի, | ||
+ | Ժայռերի մեջ խուլ ու վայրի, | ||
+ | Սակայն միայն հանդիպեցի | ||
+ | Դառնության ու աղետների։ | ||
+ | |||
+ | Ամուրն անգութ ու անողոք, | ||
+ | Չլսելով լաց ու բողոք, | ||
+ | Պատժում է մեզ տիվ ու գիշեր․․․ | ||
+ | Թափի՛ր, Կիխո՛տ, դառն արցունքներ, | ||
+ | Քեզնից հեռու է աննման | ||
+ | Տոբոսեցի Դուլսինեան։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Դուլսինեայի անվանը ավելացրած Տոբոսցի բառը շատ ծիծաղացրեց այդ ոտանավորը կարդացողներին, որովհետև նրանք երևակայում էին, թե Դոն Կիխոտը, երևի, երևակայում էր, որ նրա տուները անհասկանալի կլինեն, եթե նա իր տիկնոջը պարզապես Դուլսինեա անվանի, առանց ավելացնելու Տոբոսցի։ Այդ ենթադրությունը ճիշտ դուրս եկավ, որովհետև հետագայում նա ինքն այդ խոստովանեց։ Նա շատ ուրիշ ոտանավորներ էլ էր գրել, բայց, ինչպես մենք արդեն ասացինք, այս տուները միայն հաջողվեց ջոկել և ամբողջովին կարդալ։ Այդպես էլ նա անց էր կացնում ժամանակը՝ հորինում էր ոտանավորներ, ախ քաշում, կոչ անում այդ անտառների Ֆավներին և Սիլվաններին, վտակների նիմֆերին, ցավագին ու խոնավ Արձագանքին, աղերսելով որ լսեն իրեն, պատասխան տան իրեն ու մխիթարեն։ Նա նաև զանազան բույսեր էր որոնում, որպեսզի իր ուժերը պահպանի մինչև Սանչոյի վերադարձը ― և եթե սա երեք օրից չվերադառնար, այլ երեք շաբաթից, նա Վշտակերպ Ասպետին այնքան փոխված կգտներ, որ նույնիսկ նրա ծնող մայրը չէր ճանաչի նրան։ | ||
+ | |||
+ | Իսկ հիմա թողնենք ոտանավորներով ու հոգվոցներով կլանվածին և պատմենք, թե ինչ պատահեց Սանչո Պանսային նրա առաքելության ժամանակ։ Դուրս գալով բանուկ ճանապարհը Սանչոն սկսեց որոնել Տոբոսոյի ուղին և հետևյալ օրը հասավ այն իջևանը, որտեղ նրան վրա հասավ վերմակի վրա վեր֊վեր թռցնելու տհաճությունը։ Հազիվ էր տեսել նա իջևանը, որ դարձյալ զգաց իրեն օդում թռչելիս, ուստի նա չկամեցավ ներս մտնել, թեև պետք էր՝ ճաշի ժամանակ էր և նա սաստիկ ուզում էր մի բան ուտել, որովհետև երկար ժամանակ նա միայն սառը բան էր կերել։ | ||
+ | |||
+ | Այս անհրաժեշտությունը հարկադրեց նրան մոտենալ դարպասին, բայց նա դարձյալ տատանվում էր՝ ներս մտնել, թե չէ։ Մինչդեռ նա խորհում էր դրա մասին, իջևանից երկու մարդ դուրս եկան, որ նրան իսկույն ճանաչեցին, և նրանցից մեկն ասաց մյուսին․ | ||
+ | |||
+ | ― Ասացեք, սինյոր լիցենցիատ, այս ձիավորը Սանչո Պանսան չէ՞, որի մասին մեր արկածախնդրի տնտեսուհին ասում էր, որ նա ուղևորվել է իր տիրոջ հետ՝ որպես զինակիր։ | ||
+ | |||
+ | ― Այո, նա ինքն է, ― պատասխանեց լիցենցիատը, ― և նա մեր դոն Կիխոտի ձին է հեծել։ | ||
+ | |||
+ | Նրանց համար դժվար չէր ճանաչել նրան, որովհետև միևնույն գյուղի քահանան ու դալլաքն էին, ― նրանք, որ քննության ենթարկեցին դոն Կիխոտի մատենադարանն ու դատաստան կտրեցին։ Ճանաչելով Սանչո Պանսային և Ռոսինանտին, նրանք մոտեցան, կամենալով դոն Կիխոտից տեղեկություն քաղել և քահանան կանչելով Սանչո Պանսային, նրա անունը տալով, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սանչո Պանսա, բարեկամ, որտե՞ղ է ձեր տերը։ | ||
+ | |||
+ | Սանչո Պանսան էլ իսկույն ճանաչեց նրանց, բայց վճռեց թաքցնել, թե ինչ վայրում ու վիճակում է թողել իր տիրոջը։ Ուստի նա պատասխանեց, որ իր տերը ինչ֊որ տեղում մի ծայր աստիճան կարևոր գործով է զբաղված, իսկ թե ինչ գործով, նա չի կարող ասել, եթե անգամ նրա աչքերը հանելու լինեն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ոչ, ― ասաց դալլաքը, ― եթե դուք մեզ չասեք, թե նա որտեղ է, մենք կկարծենք ― ասենք հիմա էլ արդեն մտածեցինք, ― որ դուք նրան սպանել ու կողոպտել եք, քանի որ դուք նրա ձին եք հեծել։ Վերադարձրեք մեզ այդ քնձռոտ ձիու տիրոջը, թե չէ ձեր բանը վատ կլինի։ | ||
+ | |||
+ | ― Ինձ զուր մի սպառնաք, ես այնպիսի մարդ չեմ, որ մարդ սպանեմ ու կողոպտեմ։ Թող ամեն մարդ մեռնի, երբ որ ճակատին գրված է կամ երբ որ Աստված կամենա։ Իմ տերը մնաց լեռներում և այնտեղ, ինչքան քեֆն ուզի՝ ապաշխարանք կանի։ | ||
+ | |||
+ | Եվ առանց շունչ առնելու և կանգ առնելու նա պատմեց, թե ինչ վիճակում մնաց դոն Կիխոտը և ինչ արկածներ պատահեցին նրան։ Ապա նա ավելացրեց, որ ինքը նամակ է տանում սինյորա Դուլսինեա Տոբոսցուն, Լորենսո Կորչուելոյի աղջկան, որի վրա իր տերը մինչև ականջները սիրահարված է։ Քահանան ու դալլաքը զարմացած մնացին Սանչո Պանսայի պատմությունից։ Թեև նրանք գիտեին դոն Կիխոտի խելագարության մասին, ինչպես գիտեին և այն, թե ինչ տեսակ խելագարություն է այդ, այնուհանդերձ ամեն անգամ, երբ լսում էին նրա մասին, նորից էին զարմանում։ Նրանք խնդրեցին Սանչո Պանսայից, որ ցույց տա դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն։ Սանչոն պատասխանեց, որ հուշատետրի մեջ է և իրեն հրամայված է մաքուր գրել տալ թղթի վրա առաջին իսկ ավանում, ուր կհասնի։ Քահանան դրան պատասխանեց, որ եթե Սանչոն նամակը ցույց տալու լինի, ինքը կարտագրի շատ սիրուն ձեռքով։ Սանչոն ձեռքը գրպանը տարավ, որպեսզի հուշատետրը հանի, բայց չգտավ և չէր էլ գտնի, եթե մինչև օրս էլ որոնելու լիներ, որովհետև հուշատետրը մնացել էր դոն Կիխոտի մոտ։ Դոն Կիխոտը մոռացել էր տալ նրան, իսկ Սանչոյի մտքովն էլ չէր անցել խնդրել նրանից։ | ||
+ | |||
+ | Հուշատետրը չգտնելով, Սանչոն մահացու գունաթափվեց և սկսեց արագ֊արագ փնտրել բոլոր գրպաններում։ Համոզվելով, որ նամակը չկա, նա, առանց երկար մտածելու, երկու ձեռքով բռնեց իր միրուքը, մազերի կեսը պոկեց, ապա արագ֊արագ սկսեց իր քիթ ու մռութին բռունցքով հարվածել, մինչև որ վերջապես քթիցը արյուն եկավ։ Տեսնելով այդ, քահանան ու դալլաքը հարցրին, թե ինչ է պատահել և ինչո՞ւ է նա այդպես ինքն իրեն խոշտանգում։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ է պատահել, ― պատասխանեց Սանչոն, ― այն, որ ես մեկ վայրկյանում ձեռքիցս երեք ավանակ բաց թողի, որոնցից յուրաքանչյուրը մի դղյակ արժե։ | ||
+ | |||
+ | ― Դա ի՞նչ կնաշանակի, ― հարցրեց Դալլաքը։ | ||
+ | |||
+ | ― Ես կորցրել եմ հուշատետրը, ― ասաց Սանչոն, ― որտեղ գրված էր նամակ Դուլսինեային և գրություն իմ տիրոջ ստորագրությամբ, որով նա հրամայում էր իր քրոջ աղջկան չորս թե հինգ ավանակից, որ պատկանում են իրեն, երեքը տա ինձ։ | ||
+ | |||
+ | Այստեղ նա պատմեց իր գորշ էշի կորուստի մասին։ Քահանան նրան մխիթարեց և ասաց, որ երբ գտնվի նրա տերը, ինքը կհամոզի նրան հաստատել իր խոստումը և վերստին գրել տոմսը, միայն թե առանձին թղթի կտորի վրա, ինչպես որ հարկն է և լինում է, քանի որ վկայաթղթերը, որ հուշատետրի մեջ են լինում, երբեք չեն ընդունվում և չեն վճարվում։ | ||
+ | |||
+ | Դրանից հետո Սանչոն հանգստացավ և հայտարարեց, որ քանի գործն այդպես է, Դուլսինեայի նամակի կորուստը նրան շատ չի վշտացնում, որովհետև նա գրեթե անգիր գիտե և կարող է թելադրել որտեղ և երբ անհրաժեշտ լինի։ | ||
+ | |||
+ | ― Դե ասա մեզ, Սանչո, ― խնդրեց դալլաքը, ― իսկ մենք գրի կառնենք։ | ||
+ | |||
+ | Սանչոն սկսեց քորել ծոծրակը, որպեսզի իր հիշողությունից դուրս բերի նամակի բովանդակությունը և երկար ժամանակ մե՛կ մի ոտի վրա էր հենվում, մե՛կ մյուս։ Նա մեկ գետնին էր մտիկ տալիս, մեկ երկնքին, մի մատի եղունգի կեսը կրծեց և, վերջապես, իր ունկնդիրներին, որ սպասում էին, թե ինչ պիտի ասի նա, բավական չարչարելուց հետո, երկար լռությունից հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սատանան տանի ինձ, սինյոր լիցենցիատ, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել այդ սատանի նամակը։ Գիտեմ միայն, որ այսպես էր սկսվում՝ «Բարձր ու տարող տիրուհի»։ | ||
+ | |||
+ | ― Անկարելի է, որ «տարող» լինի, ― առարկեց դալլաքը, ― երևի թե նա «տիրող» է գրել։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ որ, ― համաձայնեց Սանչոն։ ― Իսկ հետո միտքս գալիս է, ասված էր՝ «ծեծվածն ու անքունը, խոցոտվածը համբուրում է ձերդ ողորմածության ձեռները, խստասիրտ և անհայտ գեղեցկուհի», և էլի ինչ֊որ առողջության և հիվանդության մասին, որ նա ցանկանում է նրան, ― շատ լավ էր գրած, իսկ վերջը ասված էր՝ «մինչև գերեզման ձեր Վշտակից Ասպետ»։ | ||
+ | |||
+ | Քահանային ու դալլաքին բավական զվարճություն պատճառեց Սանչոյի լավ հիշողությունը։ Նրանք գովեցին նրան և խնդրեցին, որ նամակը երկու անգամ էլ կրկնի, որպեսզի անգիր հիշեն և ժամանակին գրի առնեն։ Սանչոն կրկնեց երեք անգամ ևս և դարձյալ հազար ու մի դատարկ բաներ դուրս տվեց։ Ապա նա պատմեց իր տիրոջ գործերից։ Սակայն վերմակի վրա վեր֊վեր թռցնելու մասին, որ իր սեփական անձին պատահել էր, այս իսկ իջևանում, որտեղ նա այնքան էլ չէր ուզում մտնել, նա ոչ մի խոսք չասաց։ Ի վերջո նա հաղորդեց, որ Դուլսինեա Տոբոսցու նպաստավոր պատասխանի դեպքում իր տերը որոշել է բոլոր ուժերը գործադրել կայսր կամ առնվազն թագավոր դառնալու համար ― այդպես են նրանք իրար հետ համաձայնության եկել, ― որ դա բնավ դժվար գործ չէ, եթե նկատի առնելու լինենք դոն Կիխոտի արիությունը և նրա բազկի զորությունը։ Հենց որ այդ գործը գլուխ գա, նա կամուսնացնի իրեն (մինչ այդ Սանչոյի կինը կմեռնի, այլ կերպ հո չի կարող լինել) և իրեն կնության կտա կայսրուհու նաժիշներից մեկին, հարուստ և լայնածավալ կալվածների մի ժառանգուհու, կալվածն էլ ցամաքի վրա կլինի, առանց որևէ կղզու կամ փոքրիկ կղզիների, որ իրեն իսկի դուր չեն գալսիս։ Այդ ամենը Սանչոն պատմեց միանգամայն անվրդով, ժամանակ առ ժամանակ սրբելով քիթը և այնպիսի ապուշ տեսքով, որ քահանան ու դալլաքը դարձյալ զարմացան ու մտածեցին՝ ի՜նչ աստիճան պիտի հասած լինի դոն Կիխոտի խելագարությունը, եթե այս խեղճ ողորմելին էլ է վարակվել ու խելքը կորցրել։ Նրանք որոշեցին իրենց հոգնություն չպատճառել և չբացատրել Սանչոյին նրա մոլորությունը, որովհետև միտք արին, որ չարժե նրան հետ համոզել, քանի որ նրա խիղճը հանգիստ է՝ իրենց համար ավելի զվարճալի կլինի լսել նրա դատարկաբանությունները։ Ուստի նրանք խորհուրդ տվին նրան, որ աղոթի Աստծուն դոն Կիխոտի առողջության համար և ավելացրին, որ իր տիրոջ՝ ապագայում կայսր դառնալու մտադրությունը իրագործի և հնարավոր բան է, էլ չասենք, թե նրան կարող են արքեպիսկոպոս ձեռնադրել կամ այլ՝ սրան հավասար աստիճան։ Սանչոն դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Սինյորներ, իսկ եթե բախտը այնպես շուռ տալու լինի, որ իմ սինյորի խելքին փչի ոչ թե կայսր, այլ արքեպիսկոպոս դառնա, ապա ես կկամենայի իմանալ, թե թափառական արքեպիսկոպոսներն ի՞նչ են սովորաբար շնորհում իրենց զինակիրներին։ | ||
+ | |||
+ | ― Սովորաբար նրանք, ― պատասխանեց քահանան, ― որևէ անշարժ կալվածք են շնորհում, քահանայի կամ խորանապետի պաշտոն։ Դա տարեկան լավ եկամուտ է բերում, առանց հաշվելու ծիսակատարության վարձը, որ կալվածից պակաս եկամուտ չի տալիս։ | ||
+ | |||
+ | ― Սակայն դրա համար անհրաժեշտ է, ― առարկեց Սանչոն, ― որ զինակիրը ամուսնացած չլինի և որ նա առնվազն պատարագի ժամանակ կարողանա ժամասացություն կատարել։ Իսկ եթե այդպես է, ապա վա՜յ ինձ՝ ես ամուսնացած եմ և նույնիսկ այբուբենի առաջին տառը չգիտեմ։ Ի՞նչ կլինի իմ օրը, եթե իմ տիրոջ խելքին փչի արքեպիսկոպոս դառնալ և ոչ թե կայսր՝ ըստ թափառական ասպետների օրինակի և սովորույթի։ | ||
+ | |||
+ | ― Անհանգիստ միք լինի, Սանչո, բարեկամս, ― ասաց դալլաքը, ― մենք կխնդրենք ձեր տիրոջից, նրան բարի խորհուրդ կտանք և ցուցում կանենք, որ եթե նա ոչ թե կայսր, այլ արքեպիսկոպոս դառնալու լինի, դրանով նա իր հոգու վրա մեղք կվերցնի։ Չէ՞ որ առաջինը նրա համար ավելի հեշտ է, որովհետև նա ավելի ռազմական արիություն ունի, քան գիտնականություն։ | ||
+ | |||
+ | ― Ինձ էլ էր այսպես թվում, ― պատասխանեց Սանչոն, ― թեև պետք է ձեզ ասեմ, որ նա ամեն բանում ընդունակ է։ Ես էլ ահա թե ինչ եմ մտածել՝ կաղոթեմ Աստծուն, որ նրան այնպիսի ճամփա հանի, որտեղ նա ինքն էլ կարողանար աչքի ընկնել, ինձ էլ մեծամեծ շնորհներ պարգևել։ | ||
+ | |||
+ | ― Դուք խելացի եք խոսում, ― ասաց քահանան, ― և վարվում եք, որպես բարի քրիստոնյա։ Իսկ հիմա մենք պետք է գործի անցնենք ― միջոցներ ձեռք առնենք, որպեսզի ազատենք ձեր տիրոջը ապարդյուն ապաշխարանքից, որին, ձեր ասելով, նա աձնատուր է եղել։ Եվ մեր գործելակերպը մտածելու և բան ուտելու համար ― որովհետև ժամը ուշ է, ― մտնենք իջևանը։ | ||
+ | |||
+ | Սանչոն պատասխանեց, թե նրանք կարող են մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել և ինչու այդ իրեն չի սազում։ Բայց նա նրացից խնդրեց, որ հետները տաք կերակուր վերցնեն իր համար և Ռոսինանտի համար էլ գարի։ Նրանք բաժանվեցին և ներս մտան պանդոկը և մի քանի րոպեից հետո դալլաքը նրա համար կերակուր դուրս բերեց։ Մեր բարեկամները երկար ու բարակ խորհրդակցեցին, թե ինչ անեն, որ ըղձալի նպատակին հասնեն և վերջապես քահանայի գլխով մի միտք անցավ, որ լիովին դոն Կիխոտի ճաշակով էր և շատ հարմարավոր իրենց ձեռնարկած գործին՝ նա հայտնեց դալլաքին, որ մտածել է թափառական աղջկա զգեստ հագնել, իսկ դալլաքը պետք է զինակիր ներկայացներ։ Եվ այդ կերպով նրանք պիտի գնան լեռները դոն Կիխոտի մոտ։ Քահանան վիրավորված և զրկված աղջկա ձև կառնի և կխնդրի դոն Կիխոտից իրեն շնորհ անել և նա, իբրև արի թափառական ասպետ, չի կարողանա մերժել։ Իսկ այդ շնորհն էլ այն կլինի, որ դոն Կիխոտը նրա հետևից գնա ամենուր, ուր որ նա կամենա նրան տանել և վրեժխնդիր լինի վիրավորանքի համար, որ մի չար ասպետ նրան հասցրել է։ Միևնույն ժամանակ նա կխնդրի, որ իր դիմակը թույլ տրվի չհանել և չպատասխանել հարցերին, մինչև որ այն չար ասպետի վիրավորանքի համար վրեժ չլուծվի։ Քահանան հավատացած էր, որ այդ պայմաններում դոն Կիխոտը ամեն բանի համաձայն կլինի, և այդ եղանակով նրանք կհանեն նրան այնտեղից, կտանեն իր ծննդավայրը և այնտեղ կխորհեն, թե կա՞ արդյոք որևէ դեղ նրա արտասովոր խելագարության դեմ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXVII== | ||
+ | |||
+ | Թե ինչպես քահանան ու դալլաքը իրագործեցին իրենց ծրագիրը և այլ անցքերի մասին, որ այս մեծ պատմության մեջ արժանի են հիշատակության | ||
+ | |||
+ | |||
+ | Դալլաքը հավանեց քահանայի ծրագիրը և նրանք իսկույն սկսեցին կատար ածել։ Նրանք իջևանի կնոջից մի շրջազգեստ և գլուխ կապելու շոր խնդրեցին՝ թողնելով իբրև գրավ քահանայի կապան։ Դալլաքը եզան շեկ թե գորշ կարմրավուն պոչի մազից, որի վրա իջևանի տերը սովորություն ուներ պահելու իր սանրը, իրեն համար միրուք շինեց։ Տիրոջ կինը հարցրեց, թե նրանց ինչի՞ն են պետք այդ զուգսերը։ Քահանան կարճառոտ պատմեց նրան դոն Կիխոտի խելագարության մասին և ավելացրեց, որ նրանք պետք է շորերը փոխեն, որպեսզի նրան դուրս բերեն լեռնակիրճերից, որտեղ հիմա նա գտնվում է։ Տերն էլ, նրա կինն էլ իսկույն գլխի ընկան, որ դա հենց այն խելագարն է, որ իրենց մոտ բալասան պատրաստեց և որ նրա զինակիրն էր, որ վերմակի վրա վեր֊վեր թռցրին։ Եվ նրանք քահանային պատմեցին այն ամենը, որ պատահել էր իրենց պանդոկում, առանց ծածկելու այն, ինչ որ այնպիսի խնամքով թաքցնում էր Սանչոն։ Վերջապես պանդոկապանի կինը քահանային այնպես լավ զուգեց, որ ավելի լավ անհնարին էր։ Հագցրեց մահուդե շրջազգեստ, որի վրա սև բեհեզից շերտեր էին կարված ափի լայնությամբ, կորսաժը՝ կանաչ բեհեզից՝ սպիտակ ատլասե երիզներով զարդարված (նման ջրջազգեստ ու կորսաժներ էին հագնում, երևի, Վամբա արքայի օրոք)։<ref>Գոթական թագավոր, որ կառավարել է Իսպանիան 672֊ից մինչև 680 թվականը։ «Վամբա թագավորի ժամանակներում» ասելով հասկացվում է այն առածը, որի իմաստն է «Նոյի տարին»։</ref> Քահանան կանացի գլխաշոր չուզեց՝ նա դրեց իր կտավե կարած գլխարկը, որ հագնում էր սովորաբար քնելիս և ճակատը կապեց մետաքսե փայլուն սև ժապավենով, իսկ մի ուրիշ ժապավենից նա դիմակի պես բան պատրաստեց, որ շատ լավ ծածկում էր նրա դեմքն ու միրուքը։ Վերևից նա դրեց գլխին մի գլխարկ, այնքան մեծ, որ կարող էր ծառայել որպես հովանոց և վերնարկը գցելով վրան ու փաթաթվելով մեջը, կնոջ պես նստեց ջորու վրա, իսկ մյուս ջորու վրա միրուքավոր դալլաքը նստեց։ Միրուքը հասնում էր մինչև նրա գոտին և չէր հասկացվում ճերմա՞կ էր, թե՞ շեկ, որովհետև ինչպես մենք արդեն ասացինք, եզան աղտոտ պոչից էր շինած։ | ||
+ | |||
+ | Նրանք բոլորին մնաս բարով ասացին, ի թիվս որոնց բարի Մարիտորնեսին, որ խոստացավ իր տերողորմյայի ամեն հատիկի վրա աղոթք ասել՝ գուցե Աստված լսի նրան՝ մեղավորին, և հաջողություն առաքի նրանց հղացած դժվարին և ճշմարիտ քրիստոնեական գործում։ Սակայն հազիվ մի քիչ հեռացել էին նրանք իջևանից, որ քահանայի մտքովն անցավ, թե նրանք վատ են անում այդպիսի շորերով ման գալով, որովհետև հոգևոր անձին վայել չէ կնկա շոր հագնելը, անգամ ամենալավ միտումներով։ Նա այդ ասաց դալլաքին և խնդրեց, որ նրանք իրենց շորերը փոխեն, ― որովհետև շատ ավելի վայելուչ է, որ զրկված աղջիկ լինի դալլաքը, իսկ զինակիրը ― քահանան։ Այսպիսով, գոնե, նա պակաս կստորացնի իր աստիճանը։ Եվ նա ավելացրեց, որ եթե նա մերժելու լինի, նա այս միտքը կթողնի և թող դոն Կիխոտը սատանի մոտ գնա։ Այդ վայրկյանին մոտեցավ Սանչոն և, տեսնելով նրանց այդպես զգեստափոխված, չկարողացավ իր ծիծաղը զսպել։ Դալլաքը համաձայնեց քահանայի ցանկությունը կատարել և սա, շարադրելով նոր ծրագիրը, սկսեց խրատել, թե ինչպես պետք է իրեն պահի և ինչ խոսքեր ասի, որպեսզի դոն Կիխոտին մղեն և հարկադրեն հետևել իրենց և լքել որջը, որ նա ընտրել էր իր ապարդյուն ապաշխարանքի համար։ Դալլաքը պատասխանեց, որ առանց նրա դասերի էլ կանի այն ամենը, ինչ որ պետք է։ Սակայն հայտարարեց, որ շորերը չի փոխի, մինչև որ չհասնի այն տեղը, որտեղ գտնվում է դոն Կիխոտը։ Ուստի նա ծալեց իր զուգսերը, իսկ քահանան կպցրեց միրուքը և նրանք գնացին Սանչո պանսայի առաջնորդությամբ։ Ճամփին Սանչոն պատմեց նրանց, թե ինչ պատահեց նրանց, երբ որ լեռներում պատահեցին խելագարին, սակայն լռության մատնեց ճամպրուկի գյուտը և նրա հարուստ բովանդակությունը, որովհետև մեր տղան թեև հասարակ մարդ էր, բայց փողը սաստիկ սիրում էր։ | ||
+ | |||
+ | Հետևյալ օրը նրանք հասան այն վայրը, որտեղ Սանչոն ճյուղեր էր գցել, որպեսզի այդ նշաններով ավելի հեշտ գտնի տեղը, որտեղ թողել է իր տիրոջը։ Ճանաչելով շրջակայքը, նա հայտարարեց, որ դա հենց կիրճի մուտքն է և որ շորերը փոխելու ժամանակ է, եթե միայն դա կօգնի իր տիրոջը փրկելու։ Բանն այն է, որ քահանան և դալլաքը դեռ առաջ բացատրել էին Սանչոյին, որ դոն Կիխոտին այդ աղետներից փրկելու համար, որ նա ինքն է հորինել իրեն համար, շատ կարևոր է, որ նրանք այդ տեսքով ու զուգսերով գան և համոզիչ կերպով խնդրել էին նրանից, որ բաց չանի, թե ովքեր են նրանք և չասի, թե ինքը նրանց ճանաչում է։ Իսկ եթե դոն Կիխոտը հարցնելու լինի ― իսկ նա չի կարող չհարցնել ― հանձնել է արդյոք Սանչոն նամակը Դուլսինեային, նա պետք է պատասխանի, որ հանձնել է և որ աղջիկը անգրագետ լինելով, հրամայել է, որ բերանացի հաղորդի դոն Կիխոտին, թե հրամայում է իր ասպետին անմիջապես, այս վայրկյանիս գալ իր մոտ, թե չէ իր աչքից կընկնի, որովհետև դա ծայր աստիճան անհրաժեշտ է։ Նրանք ավելացրին, թե իրենք էլ էն մտադիր նրա հետ խոսելու և այդ ամենի օգնությամբ հուսով են նրան վերադարձնել ավելի լավ կյանքի և այնպես անել, որ նա ուղիղ ճանապարհի վրա ընկնի և շուտով կայսր կամ թագավոր դառնա։ Գալով արքեպիսկոպոսության, կարելի է դրանից երկյուղ չկրել։ Սանչոն այդ ամենը լսեց և լավ մտքումը պահեց, ապա շնորհակալ եղավ նրանց մտադրության համար խորհուրդ տալու իր տիրոջը, որ ոչ թե արքեպիսկոպոս, այլ կայսր դառնա, որովհետև ինքն անձամբ հաստատ համոզված էր, որ կայսրները ավելի հնարավորություն ունեն շնորհներ անել իրենց զինակիրներին, քան թափառական արքեպիսկոպոսները։ Ապա նա ավելացրեց, որ ավելի լավ կլիներ, որ ինքն առաջ ընկնի և հաղորդի դոն Կիխոտին նրա տիրուհու պատասխանը։ Գուցե հենց այդ բավական լինի նրան այնտեղից հանելու համար և քահանային ու դալլաքին անհանգիստ լինելու կարիք չի լինի։ Բարեկամները հավանություն տվին Սանչոյի մտքին և վճռեցին կանգ առնել և սպասել նրա վերադարձին, որ իմանան գտե՞լ է արդյոք նա իր տիրոջը։ | ||
+ | |||
+ | Սանչոն անհայտացավ լեռնային կիրճում, իսկ նրանք իջան դաշտը, որտեղ խաղաղ վտակ էր հոսում, որի վերև բարձրանում էին ժայռեր ու ծառեր, որ ախորժ ու զով ստվեր էին գցում։ Օգոստոսի մի շոգ օր էր, երբ այդ վայրերում շոգը առանձնապես հոգնեցուցիչ է լինում և նրանք տեղ հասան ժամը երեքին։ Այդ ամենը այդ վայրը ավելի հաճելի էին դարձնում և տրամադրում մեր ճամբորդներին այստեղ սպասելու Սանչոյի վերադարձին։ Նրանք այդպես էլ արին։ Եվ ահա, երբ որ նրանք պառկեցին հանգստանալու ծառերի ստվերում, նրանց ականջին հասավ մի ձայն, որ անուշ ու վարպետորեն երգում էր, առանց նվագակցության որևէ գործիքի։ Նրանք շատ զարմացան, որովհետև չէին սպասում, որ այդպիսի մի վայրում կարող է այդքան վարպետ երգիչ ապրել, որովհետև թեև սովորաբար ասվում է, թե անտառներում ու դաշտերում կարելի է զարմանալի ձայն ունեցող հովիվների հանդիպել, սակայն դա ավելի բանաստեղծական չափազանցություն է, քան ճշմարտություն։ Սակայն առավել ևս զարմացան նրանք, համոզվելով, որ ոտանավորներ են լսում, որոնք արժանի են ոչ թե գյուղի հովիվներին, այլ նուրբ ու կիրթ մարդկանց։ Եվ նրանք արդարացի էին, որովհետև ահա թե ինչ ոտանավորներ էր երգում անծանոթը։ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն է ինձ բախտից զրկում, քանդում է։ ― | ||
+ | Հպարտությունը։ | ||
+ | Ի՞նչ է ինձ տալիս թախիծն հնավանդ։ ― | ||
+ | Խանդ։ | ||
+ | Ի՞նչ է համբերանքի գիտությունը։ ― | ||
+ | Անջատումը։ | ||
+ | Ուրեմըն այս տանջանքը մեր | ||
+ | Դեռ ոչ մի դեղ չի ընդունում․ | ||
+ | Եթե հույսը սպառում է | ||
+ | Հպարտություն, խանդ, անջատում։ | ||
+ | |||
+ | Արյան մեջ տենդը ծագում է ինչի՞ց։ ― | ||
+ | Սիրուց։ | ||
+ | Ինչո՞ւ են սյուներն անջատ իրարից։ ― | ||
+ | Բախտից։ | ||
+ | Էրաբյան մահվան պատիժը ― ինչի՞ց։ | ||
+ | Երկնքից։ | ||
+ | Ուրեմն մահվան սպասել, | ||
+ | Չտրտնջալ և ցավերից․ | ||
+ | Եթե աղետը գալիս է | ||
+ | Սիրուց, բախտից և երկնքից։ | ||
+ | |||
+ | Ի՞նչ օգնություն է ղրկում ինձ պահը։ ― | ||
+ | Մահը։ | ||
+ | Ի՞նչն է սիրո մեջ, որ անփուտ ցավ է։ ― | ||
+ | Դավը։ | ||
+ | Ի՞նչն է սև մտքի վերջնական հունը։ ― | ||
+ | Խենթությունը։ | ||
+ | Ուրեմըն ձայն իմացության | ||
+ | Չի որոնում փրկությունը, | ||
+ | Եթե բուժումն է աստ միայն ― | ||
+ | Մահը, դավը, խենթությունը։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Օրվա ժամը, եղանակը, վայրի ամայությունը, երգչի ձայնն ու վարպետությունը ― ամենը ուրախացնում ու հիացնում էր մեր բարեկամներին։ Նրանք նստած չէին շարժվում, հուսով, որ երգիչը կշարունակի։ Սակայն տեսնելով, որ լռությունը տևում է, նրանք վճռեցին վեր կենալ և գնալ քաղցրաձայն երգչին որոնելու։ Սակայն վեր կացան թե չէ, նույն ձայնը հնչեց և հետևայլ սոնետը երգեց․ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Բարեկամությունն իր սուրբ սերն առած, | ||
+ | Ծածկող դիմակը ներքև նետելով, | ||
+ | Երանելության բարձր սանդուղքով | ||
+ | Վե՛ր, Էմպերեի պալատը գնաց։ | ||
+ | |||
+ | Վերից, խղճալով, ցույց կտա մարդկանց | ||
+ | Իրեն անծանոթ պատկերն ապահով․ | ||
+ | Որի դեմ, մերթ֊մերթ, խորքից խփելով | ||
+ | Պոռթկում է ներհակ չարությունն հանկարծ։ | ||
+ | |||
+ | Բարեկամությո՛ւն ձգտի՛ր, մի թույլ տա | ||
+ | Խաբեությանը ― ծնվել վեհ կրքից | ||
+ | Եվ արատ բերել մաքրությանն անբիծ։ | ||
+ | |||
+ | Մի՛ խրախուսիր թմրեցումը պիղծ, | ||
+ | Այլապես աշխա՛րհը անդաշնության, | ||
+ | Թշնամանքի մեջ կտեսնենք նորից։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Երգիչն ավարտեց մի խորը հառաչանքով, և մեր բարեկամները լարված սպասում էին, կերգի՞ արդյոք դարձյալ այն ձայնը, թե չէ։ Սակայն համոզվելով, որ երգին լաց ու հառաչանք է հետևել, նրանք կամեցան իմանալ, թե ով է այդ դժբախտը, որ այդքան լավ երգում է և այդքան ցավագին հառաչում է։ Հազիվ էին նրանք մի քանի քայլ արել, որ, շրջանցելով մի ժայռ, տեսան մի մարդ, որի տեսքն ու արտաքինը միանգամայն համապատասխանում էին Սանչո Պանսայի նկարագրությանը, երբ որ նա պատմում էր Կարդենիոյի մասին։ Անծանոթը, նկատելով նրանց, չվախեցավ, այլ անշարժ նստած մնաց, գլուխը քաշ արած կրծքին խորը մտածմունքի մեջ ընկածի նման։ Նա միայն մեկ անգամ նայեց նրանց, երբ որ նրանք հանկարծակի երևացին իր դիմաց և այլևս աչքերը վեր չբարձրացրեց։ Քահանան, որ ուներ խոսելու շնորհք (նրան արդեն հայտնի էր Կարդենիոյի դժբախտությունը, որին նա ճանաչեց արտաքին նշաններից), մոտեցավ նրան և հակիրճ, բայց խելամիտ խոսքերով սկսեց խնդրել և համոզել նրան թողնելու այս ցավագին անապատը, որպեսզի իր կյանքը իսպառ այստեղ խորտակված չլինի, մի բան, որ բոլոր աղետներից վատթարը կլիներ։ Այդ պահին հենց Կարդելիոյի խելքը տեղն էր և ենթակա չէր կատաղի խելագարության, որի բռնկելիս նա կորցնում էր հավասարակշռությունը։ Ուստի տեսնելով մեր բարեկամներին, որ իրենց հագուստներով չէին նմանում այս խորքերի բնակիչներին, նա մնացել էր շվար։ Նրա զարմանքն ավելացավ, երբ որ նա լսեց, որ նրանք իր գործերից են խոսում, իբրև լավ ծանոթ բաներից (դա միանգամայն պարզ էր քահանայի ճառից) և նա պատասխանեց հետևյալը․ | ||
+ | |||
+ | ― Ով էլ որ լինեք դուք, սինյորներ, ես տեսնում եմ, որ երկինքը միշտ պատրաստ է օգնելու բարիներին, իսկ հաճախ նաև չարերին, և ահա, ուղարկել է ինձ՝ անարժանիս, մարդկային հանրակցությունից հեռու այս վայրը, մարդկանց, որոնք պարզ ու բազմազան փաստերով փորձում են ապացուցել, որ ես անմիտ եմ վարվում ընտրելով այսպիսի կյանք։ Դուք կամենում եք ինձ դուրս քաշել այստեղից և ճշմարիտ ճանապարհի վրա հանել։ Բայց գիտե՞ք արդյոք, ― ես որ շատ լավ գիտեմ, ― որ ես, այս աղետից հեռանալով, առավել վատթար տառապանքի կենթարկվեմ, ուստի և, գուցե, ինձ համարում եք թուլամիտ կամ խելակորույս մարդ, որ ավելի վատ է։ Եվ զարմանալի էլ չէր լինի, եթե դուք այդպես մտածելու լինեիք։ Ես ինքս էլ տեսնում եմ, որ երևակայությունս, որ նկարագրում է իմ դժբախտությունը, այնպիսի ուժով է ինձ դեպի կործանում հրում, որ ես ոչնչով չեմ կարողանում նրա դեմ պայքարել։ Ես քար եմ կտրում, զրկվում զգացմունք ու բանականությունից և որ այդ այդպես է, ես հովիվներից եմ իմանում, որոնք պատմում են ինձ, թե ինչ եմ անում ես սարսափելի ցավս բռնելու պահին և իմ ուշն են դարձնում իմ կատաղության հետևանքների վրա։ Այդ միջոցին ինձ մնում է անհետևանք գանգատվել, ապարդյուն անիծել իմ բախտը և իմ կատաղությունն արդարացնելու համար պատմել բոլորին, ովքեր կամենում են լսել, նրան ծնող պատճառի մասին։ Որովհետև առողջ դատող մարդիկ, ըմբռնելով պատճառը, կդադարեն հետևանքներից զարմանալուց և եթե չեն էլ բուժի ինձ, գեթ չեն մեղադրի և փոխանակ իմ անառակության վրա բարկանալու, կցավակցեն իմ դժբախտություններին։ Եթե դուք, սինյորներ, նույն մտադրություններով եք եկել այստեղ, ինչ մտադրություններով ձեզնից առաջ ուրիշներն էլ են եկել, ապա խնդրում եմ՝ սպասեցեք այդպիսի խոհեմությամբ ինձ համոզել և լսեցեք, որ ես թվեմ ձեզ իմ անհամար ցավերը։ Գուցե մինչև վերջ լսելով, դուք կկորցնեք հավատը ձեզ հոգնություն պատճառելու, մխիթարելով ինձ դարդի համար, որ մխիթարանքի ենթակա չէ։ | ||
+ | |||
+ | Քահանան ու դալլաքը, որ ծարավ էին լսելու Կարդենիոյի սեփական շուրթերից նրա դժբախտության պատճառների մասին, սկսեցին թախանձել, որ նա պատմի խոստանալով, որ իրենք նրան օգնելու և մխիթարելու նպատակով այնպիսի բան չեն ձեռնարկի, որ նա ինքը չկամենա։ Եվ ահա տխուր կաբալյերոն սկսեց իր ցավագին պատմությունը գրեթե նույն բառերով և արտահայտություններով, որոնցով նա պատմեց դոն Կիխոտին և այծարածին մի քանի օր առաջ, երբ որ վարպետ Ելիսաբատի պատճառով և դոն Կիխոտի ասպետականության պատիվը խստիվ պահպանելու ձգտումի շնորհիվ այնպես էլ անավարատ մնաց ― ինչպես այդ մենք արդեն ասել ենք։ Իսկ հիմա բարի բախտը հաճեց Կարդենիոյին պահպանել խելագարության բռնկումից և թույլ տալ, որ նա իր պատմությունն ավարտի։ Եվ ահա, հասնելով այն տեղին, երբ դոն Ֆերնանդոն գտավ Ամադիս Գաղղիացու մասին գրած գրքում Լյուսինդայի նամակը, Կարդենիոն հայտարարեց, որ այդ նամակն անգիր գիտե և ահա թե ինչ էր գրած մեջը․ | ||
+ | |||
+ | |||
+ | :::::::<b>Լյուսինդան Կարդենիոյին</b> | ||
+ | |||
+ | <i>Յուրաքանչյուր օր ես ձեր մեջ նոր արժանիքներ եմ գտնում, որ ինձ հաղթում ու հարկադրում են, որ առավել ևս գնահատեմ Ձեզ։ Եվ եթե հաճելի է ձեզ, որ ես իմ պարտքը վճարեմ, առանց զոհաբերելու իմ պատիվը, Դուք կարող եք դրան հասնել։ Իմ հայրը Ձեզ ճանաչում է և կաթոգին սիրում ինձ։ Առանց բռնադատելու իմ սիրտը, նա կբավարարի ցանկությունը, որ Դուք ունեք իրավունք տածելու, եթե միայն դուք ինձ հարգում եք, ինչպես Դուք ինձ ասում եք,՝ և ինչպես ես հավատում եմ։</i> | ||
+ | |||
+ | |||
+ | ― Այս նամակը դրդեց ինձ խնդրելու Լյուսինդայի ձեռքը, ինչպես ես ձեզ արդեն պատմեցի և դոն Ֆերնանդոյի մեջ համոզմունք է առաջ բերել, որ Լյուսինդան մեր ժամանակի ամենախելոք և բանական կանանցից մեկն է։ Եվ հենց այդ նամակը նրա մեջ ցանկություն է ներշնչել խորտակելու իմ ծրագիրը նախքան ինձ կհաջողի կատար ածել։ Ես հաղորդեցի դոն Ֆերնանդոյին, որ Լյուսինդայի հայրը պնդում է, որ նրա աղջկա ձեռքը ինձ համար իմ հայրը խնդրի և որ ես չեմ խիզախում խոսք բաց անել դրա մասին, երկյուղ կրելով, որ միգուցե ինձ կմերժի, իհարկե ոչ այն պատճառով, որ նա Լյուսինդայի ծագման, արժանիքի, առաքինության և գեղեցկության կասկածելիս լիներ, ― այդ ամենն իմ սիրածն ուներ լիուլի և նրա հետ զուգվելը պատիվ կբերեր յուրաքանչյուր իսպանական տոհմին։ Ոչ, բայց ես գիտեի, որ հայրս չէր կամենում, որ ես այդքան վաղ ամուսնանայի, քանի հերցոգ Ռոդրիգոյի ծրագիրը իմ նկատմամբ դեռևս չի պարզվել։ Արդ, ես ասացի դոն Ֆերնանդոյին, որ ես չեմ խիզախում իմ գաղտնիքը բանալու հորս, մասամբ վերև բերած պատճառով, մասամբ էլ այլ պատճառներով, որ ինձ շփոթեցնում են, թեև, ասենք, ես ինքս էլ չէի կարող այդ պատճառները բացատրել։ Մի խոսքով՝ ինձ թվում էր, որ իմ ցանկությունը երբեք չի կատարվի։ Դոն Ֆերնանդոն այդ ամենին ի պատասխան ասաց, որ իր վրա է վերցնում բանակցելը հորս հետ և այնպես կանի, որ հայրս խոսի Լյուսինդայի հոր հետ։ Օ՜, սնապարծ Մարիոս։ Օ՜, դաժան Կատիլինա։ Օ՜, չարանենգ Սուլլա։ Օ՜, ուխտադրուժ Գանելոն։ Օ՜, դավաճան Վելյիգո։ Օ՜, ոխակալ Յուլիան։ Օ՜, ընչաքաղց Հուդա։<ref>Հռչակավոր պատմական և առասպելական դավաճանների կամ փառամոլների թվարկում։ Գանելոնը Ռոլանդի խորթ հայրն է․ նա խոսքը մեկ է արել մավրերի հետ, թե ինչպես սպանի նրան։ Վելլիդո Դոլֆոսը Սամորան պաշտպանելու ժամանակ (1072) դավաճանաբար սպանել է Սանչո II թագավորին (Սիդի հովանավորին)։ Կոմս Հուլիանոսը (Ռոդրիգո թագավորի պղծած աղջկա՝ Կավայի հայրը) ըստ ավանդության թագավորից վրեժ առնելու համար մավրերին կանչել է Իսպանիա (VIII դարի սկզբում տեղի ունեցած այս դեպքը ընդարձակ չափով մշակված է իսպանական էպոսում)։</ref> Օ՜, դավաճան, դժնի, ոխակալ ու ուխտադրուժ, քեզ ի՞նչ վատ բան արեց դժբախտը, որ այնպիսի սրտաբացությամբ բացեց քո առջև իր հոգու գաղտնիքն ու խինդը։ Ինչո՞վ վիրավորեցի ես քեզ։ Մի՞թե երբևիցե ես քեզ խոսք խոսք տվի կամ խորհուրդ, որոնք ուղղված չլինեին քո պատիվն ու շահը բազմապատկելու։ Սակայն ինչի՞ց եմ գանգատվում ես՝ դժբախտս։ Չէ՞ որ բոլորին հայտնի է, որ համաստեղությունների ընթացքը մեզ վրա աղետներ են բերում, որ երկինքը ցասումով ու կատաղությամբ թափում է մեզ վրա և այն ժամանակ ոչ մի երկրային ուժ չի կարող նրանց կասեցնել և ոչ մի մարդկային հնարագիտություն ― վանել։ Ո՜վ կարող էր կարծել, որ դոն Ֆերնանդոն՝ արի և խելացի մի ազնվական, ինձ հետ կապված բարեկամությամբ և իր բոլոր սիրային քմահաճույքները, որ կարող են անցնել նրա գլխով, բավարարելու հնարավորություն ունեցող, կհրահրվի, կարելի է ասել՝ իմ միակ գառնուկը հափշտակել, գառնուկը, որ դեռևս իմը չէր դառել։ | ||
+ | |||
+ | Թողնենք սակայն այն անպետք և անօգուտ խոհերը և կապենք իմ պատմության քակված թելը։ Արդ, ես շարունակում եմ։ Իր նենգ ու չար մտահղացումը վճռելով կատար ածել, դոն Ֆերնանդոն ընկճվում էր իմ ներկայությունից, ուստի և որոշեց ուղարկել ինձ իր ավագ եղբոր մոտ այն պատրվակով, որ նրանից փող խնդրեմ վեց ձիու համար, որ նա դիտմամբ նույն օրը գնել էր, երբ որ հանձն էր առել բանակցել հորս հետ, վճարելու և միայն նրա համար, որպեսզի ինձ ուղարկած լինի փողի հետևից և իմ բացակայությամբ ավելի հարմարությամբ իրագործի իր հանցավոր ծրագիրը։ Կարո՞ղ էի ես կանխել այդ դավաճանությունը։ Իհարկե, ո՛չ։ Կարո՞ղ էի պատահմամբ կռահել նրա գոյությունը։ Իհարկե, ո՛չ։ Ընդհակառակը, ես ամենայն սիրով համաձայնեցի գնալ, ուրախանալով նրա այնքան հաջող գնումի համար։ Նույն երեկոյան ես խոսեցի Լյուսինդայի հետ և, հաղորդելով նրան իմ համաձայնությունը Ֆերնանդոյի հետ, խնդրեցի, որ հաստատ հուսա մեր մաքուր և օրինավոր սիրո երջանիկ պսակման։ Նա ինձնից պակաս էր կասկածում դոն Ֆերնանդոյի դավաճանության մասին և աղաչում էր շուտով վերադառնալ, որովհետև հավատացած էր, որ մեր ցանկությունը կիրականանա, հենց որ իմ հորը կհաջողվի խոսել նրա հոր հետ։ Չգիտեմ՝ ինչ պատահեց նրան, միայն թե այդ խոսքերն ասելիս նրա աչքերը լցվեցին արցունքով, շունչը կտրվեց և չնայած իր ճիգ ու ջանքին, այլևս նա չկարողացավ պատասխանել և ոչ մի բառ ― իսկ շատ բան կուզենար ասել, ինչպես թվում էր ինձ։ Այդ ամենն ինձ զարմացրեց, որովհետև նրան առաջներում այդ բանը երբեք չէր պատահել՝ այն վայրկյանները, որ երջանիկ բախտի և իմ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում էր միասին անցկացնել, միշտ մեզ համար ուրախ ու զվարթ էին անցնում, և երբեք ո՛չ արցունք, ո՛չ հոգվոց, ո՛չ խանդ, ո՛չ կասկած, ո՛չ երկյուղ չէին մթագնում մեր զրույցը։ Ես միշտ գովաբանում էի բախտը, որ ինձ այդպիսի սիրուհի է տվել՝ փառաբանում էի նրա գեղեցկությունը, հիանում նրա խելքով ու արժանապատվությամբ, և նա ինձ հատուցանում էր նույնը կրկնակի, գովելով իմ մեջ այն հատկությունները, որ նրա սիրող աչքերին գովասանքի արժանի էին թվում։ Ապա մենք խոսում էինք հազար ու մի մանր֊մունր բաներից, մեր հարևանների և ծանոթների մոտ պատահած դեպքերից և ամենամեծ հանդգնությունը, որ ես թույլ էի տալիս ինձ, այն էր, որ ես գրեթե բռնի բռնում էի նրա չքնաղ, ճերմակ ձեռքը և մոտեցնում էի իմ շուրթերին, ինքան որ թույլ էին տալիս ինձ մեզ բաժանող ցանկապատի երկաթե խիտ ճաղերը։ Սակայն իմ գնալու տխուր օրվա նախօրյակին, երեկոյան, նա լալիս էր, ախ քաշում և հեռանալով ինձ թողեց շփոթմունքի ու տագնապի մեջ։ Ես վախեցած մնացի նրա վշտի ու ցավի այս նոր և ինձ համար տխուր նշաններից, սակայն, չկամենալով խորտակել իմ հույսերը, ես այդ ամենը վերագրեցի նրա սիրո զորությանը և վշտին, որ սովորաբար համակում է սիրահարներին անջատման ժամին։ Վերջապես ես տխուր ու մտամոլոր գնացի։ Իմ հոգին լի էր կռահումներով ու կասկածներով, թեև ես ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ ենթադրում և ում կասկածում ― դա ինձ սպասող վշտի ու դժբախտության բացահայտ նախալուրն էր։ | ||
+ | |||
+ | Հասնելով այնտեղ, որտեղ ուղարկված էի, ես հանձնեցի նամակը դոն Ֆերնանդոյի եղբորը։ Ինձ ընդունեցին սիրալիր, բայց երկար պահեցին։ Ես հրաման առա, մի բան, որ ինձ մեծ ցավ պատճառեց, սպասել մեկ շաբաթ և ծեր հերցոգի աչքին չերևալ այն պատճառով, որ դոն Ֆերնանդոն իբր թե խնդրել է եղբորից, որ առանց հոր գիտության փող ուղարկի իրեն։ Այդ ամենը ստախոս Ֆերնանդոյի սարքած բանը դուրս եկավ, որովհետև նրա եղբայրը ուներ բավականաչափ փող, և նա կարող էր իսկույն ևեթ ինձ հետ ուղարկել։ Ես մեկ ուզեցա այդ հրամանը չկատարել, որովհետև ինձ անհնար էր թվում ապրել մի քանի օր անջատված Լյուսինդայից, մանավանդ նրան այդքան տխուր թողնելուց հետո։ Սակայն դարձյալ, որպես հավատարիմ ծառա, ես հնազանդեցի, թեև տեսնում էի, որ դրանով խորտակում եմ իմ սեփական բարեկեցությունը։ Իմ գալուց չորս օր անց ինձ մոտ մի նամակաբեր եկավ։ Ես դեռ նամակը չբացած իսկույն ևեթ կռահեցի, որ Լյուսինդայից կլինի։ Նրա ձեռքն էր։ Հուզմունքով ու երկյուղով բաց արի նամակը, հավատացած լինելով, որ միայն ծայրահեղ անհրաժեշտությունն էր կարող ստիպել նրան գրելու ինձ մի ուրիշ քաղաք, որովհետև անգամ միևնույն քաղաքում եղածս միջոցին էլ նա հազարից մեկ էր գրում ինձ։ Սակայն նամակը կարդալուց առաջ ես բերողից հարցրի, թե ով հանձնեց իրեն նամակը և ինչքան ժամանակ է եղել ճամփում։ Նա պատասխանեց, որ մի անգամ կեսօրին, նա մեր քաղաքի փողոցով անցնելիս է եղել, և ինչ֊որ շատ գեղեցիկ օրիորդ նրան կանչել է լուսամուտից։ Արցունքն աչքերին նա ասել է իրեն․ «Եղբայր, եթե դուք քրիստոնյա եք, ինչպես թվում է, աղաչում֊պաղատում եմ Աստծու սիրուն, որքան կարելի է շուտ հասցնեք այս նամակը այն մարդուն, որի անունն ու հասցեն այստեղ գրած է։ Նրան գտնելը դժվար չի լինի։ Դուք աստվածահաճո գործ արած կլինեք, իսկ որպեսզի այդ ճամփորդությունն անելու համար միջոց ունենաք ― ահա՛ ձեզ փող»։ Այս խոսքերն ասելով՝ նա նետեց մի թաշկինակ, որի մեջ հարյուր ռեալ կար կապած, ահա այս ոսկե մատանին և նամակը, որ ես ձեզ հանձնեցի։ Եվ, առանց իմ պատասխանին սպասելու, նա հեռացավ լուսամուտից։ Բայց նա այնուհանդերձ կարողացավ տեսնել, որ ես նամակն էլ, թաշկինակն էլ վերցրի և նշաններով ասացի, որ հանձնարարությունը կկատարեմ։ Համոզվելով, որ իմ աշխատանքը լավ վարձատրված է, և հասցեից տեսնելով, որ ինձ ձեզ մոտ են ուղարկում ― իսկ ձեզ, սինյոր, ես շատ լավ եմ ճանաչում, ― ես զգացվեցի այդ չքնաղ օրիորդի արցունքներից և վճռեցի առանց մեկն ու մեկին վստահելու, կատարել այդ գործն անձամբ։ «Նամակն ինձ տասնվեց ժամ առաջ է հանձնված եղել և այդ ժամանակի ընթացքում ես կտրեցի ձեզ հայտնի ճանապարհը, այսինքն՝ տասնութ մղոն»։ Ես ագահությամբ լսեցի այդ արտասովոր և հաճոյակատար առաքյալի պատմությունը և իմ ծունկներն այնպես էին դողում, որ ես հազիվ էի ոտի վրա մնացել։ Վերջապես ես բաց արի նամակն ու կարդացի հետևյալը․ | ||
+ | |||
+ | <i>Դոն Ֆերնանդոն ձեզ տված խոսքը ― խոսելու Ձեր հոր հետ, որպեսզի վերջինս խոսի իմ հոր հետ ― կատարեց, բայց ոչ հօգուտ ձեզ, այլ հօգուտ իր։ Իմացած եղեք, սինյոր, որ նա ինքը խնդրեց իմ ձեռքը և իմ հայրը, շլացած այն առավելություններից, որ դոն Ֆերնանդոն, նրա կարծիքով, ունի համեմատած Ձեզ հետ, այնպիսի պատրաստակամությամբ համաձայնեց նրա առաջարկությանը, որ երկու օրից պիտի տեղի ունենա մեր պսակադրությունը։ Դա գաղտնի կլինի, առանց հրավիրյալների։ Վկաները կլինեն լոկ երկինքը և մի քանի տանու ծառաներ։ Կարող եք երևակայել, թե ի՞նչ հուսակտուր կացության մեջ եմ։ Վճռեցեք, պե՞տք է արդյոք, որ Դուք գաք։ Այս անցքի կատարվելը ցույց կտա Ձեզ, սիրո՞ւմ եմ Ձեզ, թե՞ չէ։ Թող երկինքը կամենա, որ այս նամակն ընկնի ձեր ձեռքը նախքան ես հարկադրված կլինեմ իմ ձեռքը տալու նրան, ո՛վ չի կարողանում պահպանել խոստացած հավատարմությունը։</i> | ||
+ | |||
+ | Այսպես էր ընդհանրապես այս նամակի բովանդակությունը, որ ինձ մղեց անմիջապես ճամփա ընկնել՝ առանց սպասելու պատասխանի և փողի։ Որովհետև այդ րոպեին ինձ համար միանգամայն պարզվեց, որ դոն Ֆերնանդոն, ուղարկելով ինձ իր եղբոր մոտ, ձի գնելու համար չէ՛ր հոգում, այլ իր քմահաճույքը բավարարելու։ Ցասումը Ֆերնանոդյի դեմ և սիրո և ծառայության երկար ու ձիգ տարիներով ձեռք բերած գանձը կորցնելու երկյուղը ինձ թևավորեցին, և հետևյալ օրը ես թռա֊հասա մեր քաղաքը, այն իսկ ժամին ու վայրկյանին, երբ ես սովորաբար գնում էի Լյուսինդային տեսակցության։ Ես մտա քաղաք աննկատ և ջորիս տարա այն իսկ բարի մարդու մոտ, որ ինձ համար նամակ էր բերել։ Երջանիկ բախտը նպաստում էր ինձ, և ես տեսա Լյուսինդային վանդակապատ լուսամուտի հետևում ― մեր սիրո վկա լուսամուտի։ Նա իսկույն ճանաչեց ինձ, ես էլ ճանաչեցի նրան, բայց, ավա՜ղ, այդպես չէինք ենթադրում մենք հանդիպելու իրար։ Որովհետև կգտնվի՞ արդյոք աշխարհիս երեսին մի մարդ, որ ի վիճակի լիներ պարծենալու, թե թափանցել է կնոջ նկարագրի խորքը և ըմբռնել նրա փոփոխական և շփոթ բնույթը։ Ուրեմն, ես շարունակում եմ։ Հենց որ Լյուսինդան ինձ տեսավ, ասաց․ «Կարդենիո, հագիս հարսանեկան հանդերձ է։ Դահլիճում ինձ սպասում է դավաճան Ֆերնանդոն և իմ ընչաքաղց հայրը իր հրավիրյալներով, սակայն նրանք ականատես պիտի լինեն ոչ թե հարսանիքի, այլ մահվան։ Մի վրդովվիր, բարեկամս, այլ աշխատիր ներկա լինել պսակադրության ծեսին։ Եթե իմ խոսքերն անզոր լինեն կարգը լուծելու, ապա դաշույնը, որ թաքցրել եմ կրծքիս, կքանդի սրանից ավելի ահավոր դավերը։ Եվ երբ որ իմ կյանքը խզվի, դու կսկսես ընբռնել, թե ինչպես եմ քեզ սիրել և սիրում»։ Ես նրան հուզված և արագ֊արագ պատասխանեցի՝ վախենալով, որ ժամանակը չի բավի ավարտեմ խոսքս։ «Օ՜, թող քո գործերը, տիրուհի, հաստատեն քո խոսքերի ճշմարտությունը։ Դու դաշույն ես ձեռք բերել, քո սերն ապացուցելու համար, ― ահա՛ նաև իմ թուրը։ Ես քեզ կամ նրանով կպաշտպանեմ, կամ ինքնասպան կլինեմ, եթե բախտը թշնամաբար լինի մեզ»։ Չեմ կարծում, որ նա կարողացած լիներ իմ խոսքերը լսելու, որովհետև այդ վայրկյանին մեկը նրան ձայն տվեց՝ ասելով, որ փեսացուն սպասում է նրան։ | ||
+ | |||
+ | Եվ ահա հասավ իմ ցավի գիշերը, մայր մտավ իմ խնդության արևը, իմ աչքի լույսը մարեց, և ես մնացի առանց խոսքերի և մտքերի։ Ես ուժ չունեի նրա տունը մտնելու, ես անկարող էի տեղիցս շարժվելու։ Սակայն հետո, խորհելով, որ ինչ ելք էլ գործն ընդունելու լինի, իմ ներկայությունն այնտեղ անհրաժեշտ է, ես սիրտ արի և մտա Լյուսինդայի տունը, որի բոլոր ելք ու մուտքն ինձ լավ հայտնի էր, և գաղտնի պատրաստությունների իրարանցումի շնորհիվ ինձ ոչ ոք չնկատեց։ Այդպես աննկատ ես ներս սողացի պատուհանի որմնախորը, որ ծածկված էր երկու խալիչաների ծայրերով։ Այնտեղ ինձ ոչ ոք չտեսավ, իսկ ես խալիների արանքից կարող էի տեսնել, թե ինչ է կատարվում դահլիճում։ Ինչպե՜ս պատմեմ այն տանջանքը, որ զգում էր սիրտս, քանի ես այնտեղ էի։ Ինչե՜ր, ինչե՜ր ասես, որ ես չխորհեցի։ Սակայն այդ ամենը հաղորդելու հնար չկա, ոչ էլ կարիք։ Կասեմ միայն, որ վերջապես ներս մտավ դահլիճը փեսացուն՝ նա տոնական զգեստ չուներ, հագին իր սովորական հանդերձն էր։ Նրա խաչեղբայրը Լյուսինդայի երկրորդական եղբայրն էր, և ամբողջ դահլիճում բացի տանեցիներից ոչ մի օտար դեմք չկար։ Քիչ հետո մյուս սենյակից դուրս եկավ Լյուսինդան մոր և նաժիշտների ուղեկցությամբ, այնպիսի արդ ու զարդով, որ վայել էր նրա ազնվական ծագման և գեղեցկության մի օրիորդի, որ նրբության և ազնիվ քնքշության օրինակ էր։ Ես, տագնապով և ջղագարությամբ բռնված չկարողացա մանրամասն դիտել և նկատել նրա զգեստը։ Մտքումս միայն մնաց այն, որ երկու գույն ուներ՝ ծիրանի և ճերմակ և որ նրա մազերն ու զգեստը փայլում էին թանկագին քարերից և որ նրա գեղեցիկ խարտյաշ գանգուրների զարմանալի գեղեցկությունը ամեն ինչ նսեմացնում էր։ Նրանց փայլը աչք էր շլացնում, մրցելով թանկագին քարերի փայլի և դահլիճում վառվող երեք ջահերի լույսի հետ։ Օ՜ հիշողություն, իմ հանգստյան մահացու թշնամին, ինչո՞ւ եմ ես հիմա իմ աչքերի առջև նկարում իմ պաշտելի թշնամու աննման գեղեցկությունը։ Ավելի լավ չէ՞ր լինի, դժնի հիշողություն, հիշեցնեիր և ներկայացնեիր այն, ինչ որ նա այն վայրկյանին արեց, որպեսզի ինձ մղի արդարացի զայրույթից եթե ոչ վրեժ լուծել, ապա գեթ ինքնասպան լինել։ Միք սրտնեղի, սինյորներ, որ ես անընդհատ շեղումներ եմ անում, իմ դարդը չի կարելի և պետք չէ կարճ ու արագ պատմել՝ չէ՞ որ այդ պատմության յուրաքանչյուր հանգամանք արժանի է թվում ինձ երկար ու բարակ զրուցելու։ | ||
+ | |||
+ | Քահանան դրան պատասխանեց, որ իրենք ոչ միայն չեն սրտնեղում, այլ ընդհակառակը՝ բոլոր մանրամասնությունները մեծ բավականությամբ են լսում, որովհետև նրանցից և ոչ մեկը չի կարելի լռությամբ անցնել, և նրանք բոլորն էլ նույնքան արժանի են ուշադրության, որքան և բուն պատմությունը։ | ||
+ | |||
+ | ― Ահա, ― շարունակեց Կարդենիոն, ― երբ որ բոլորը հավաքվեցին դահլիճում, ներս մտավ ծխական քահանան, և ինչպես պահանջում է ծեսը, երկուսի ձեռքն էլ բռնեց ու հարցրեց․ «Համաձա՞յն եք, օրիորդ Լյուսինդա, ճանաչել այստեղ ներկա գտնվող դոն Ֆերնանդոյին ձեր օրինական ամուսինը, ինչպես պահանջում է մեր սուրբ մայր եկեղեցին։ Այստեղ ես դուրս բերի խալիչաների ետևից գլուխս ու պարանոցս և շփոթ ու շնչասպառ պատրաստվեցի լսելու Լյուսինդայի պատասխանը, այդ պատասխանից ակնկալելով կա՛մ փրկություն, կա՛մ մահվան դատավճիռ։ Օ՜, եթե ես այդ վայրկյանին կարողանայի նետվել դեպի նա և ճչալ․ Օ՜, Լյուսինդա, Լյուսինդա, մտածիր քո արածդ, մտաբերիր, թե ինչպես ես կապված ինձ հետ։ Խորհիր՝ չէ՞ որ դու ի՛մն ես և չես կարող պատկանել ուրիշին։ Իմացած եղիր, եթե դու այո ասելու լինես, իմ կյանքի թելը նույն վայրկյանին կխզվի։ Դավաճան դոն Ֆերնանդո, իմ երջանկության կողոպտիչը, իմ կյանքի կործանիչը։ Ուզածդ ի՞նչ է, ինչի՞ ես ձգտում։ Հասկացիր, որ դու քրիստոնյա ես, դու չես կարող բավարարել քո ցանկությունը, որովհետև Լյուսինդան իմ կինն է և ես՝ նրա մարդը։ Օ՜, ես խելագար եմ, ― հիմա՛, երբ անջատված եմ նրանից և հեռու եմ վտանգից, ասում եմ այն, ինչ պետք է որ անեի և ինչ որ ես չարի՜։ Հիմա, թանկագին գանձը ինձնից խլել թույլ տալուց հետո՝ ես անիծում եմ կողոպտիչին, մինչդեռ ես կարող էի վրիժառու լինել, եթե ես այն պահին այնքան արիություն ունենայի, որքան հիմա գանգատվելու ունակություն ունեմ։ Ի՜նչ արած, քանի որ այն պահին ես հիմար ու երկչոտ եղա, ապա մնում է, որ մեռնեմ ամոթով, զղջումով ու խելակորույս։ | ||
+ | |||
+ | Քահանան սպասում էր Լյուսինդայի պատասխանին, իսկ նա դանդաղում էր, և երբ որ ես սկսեցի խորհել, թե նա դաշույնն է որոնում իր սերը դեպի ինձ ապացուցելու համար, կամ թե չէ պատրաստվում է ճշմարտությունը ասելու, որպեսզի ցրած լինի ինձ համար կործանիչ այս մոլորությունները ― այդ իսկ վայրկյանին նա թույլ ու դողդոջ ձայնով պատասխանեց․ «Այո՛, համաձայն եմ»։ Նույնն ասաց նաև դոն Ֆերնանդոն, որ նրա մատին մատանի դրեց։ Այսուհետև նրանք կապվեցին ամուսնական անքակտելի կապերով։ Ապա երիտասարդ ամուսինը մոտեցավ, որ գրկի իր ամուսնուն, բայց Լյուսինդան ձեռքը տարավ սրտին և ուշաթափ ընկավ մոր ձեռքերի վրա։ Մնում է ինձ պատմել ձեզ, թե ինչ օրի էի ես, երբ որ Լյուսինդան, իր «այո»֊ով ծաղր ու ծանակ անելով իմ հույսերը, ցույց տվեց, որ բոլոր իր խոսքերն ու խոստումները սուտ են, և հասկացրեց, որ այլևս երբեք ես ետ չեմ բերի այն երջանկությունը, որ ես կորցրի մեկ ակնթարթում։ Ես չգիտեի ինչ անեմ՝ ինձ թվում էր, թե երկինքը լքել է ինձ, թե երկիրը, որի վրա ես կանգնած եմ, թշնամացել է ինձ, թե օդը ինձ շունչ չի տալիս ախ քաշելու համար, իսկ ջուրը՝ հեղուկ ― արցունքի համար։ Հուրն էր միայն որ մեջս ավելի ու ավելի էր սաստկանում և ես բոցավառվել էի կատաղությամբ ու խանդով։ Լյուսինդայի ուշագնացությունը բոլորին շփոթեցրեց։ Մայրը արձակեց նրա զգեստի կոճակները, որ ավելի ազատ շնչի և նրա կրծքին մի փակ նամակ գտնվեց, որ դոն Ֆերնանդոն իսկույն ձեռք գցեց և ջահերից մեկի լույսի տակ սկսեց կարդալ։ Ընթերցումն ավարտելուց հետո նա խորապես մտազբաղ տեսքով նստեց բազկաթոռի վրա, դեմքը հենեց ձեռքին՝ առանց ուշ դարձնելու ներկա եղողների վրա, որոնք խռնվել էին Լյուսինդայի շուրջը, աշխատելով նրան ուշքի բերել։ | ||
+ | |||
+ | Տեսնելով, որ բոլոր տանեցիները շփոթմունքի մեջ են, ես վճռեցի դուրս գալ և ինձ համար մեկ էր՝ կնկատե՞ն ինձ, թե՞ ոչ, որովհետև ես պատրաստ էի ամենահուսահատական քայլեր անելու և, եթե ինձ նկատելու լինեին, ապա արար աշխարհը կիմանար, թե ի՛նչ զայրույթ էր եռում իմ կրծքում։ Ես կպատժեի նենգ դոն Ֆերնանդոյին և դյուրահավատ դավաճանուհուն, որ իմ առջև ուշագնաց պառկած էր։ Սակայն երևի թե բախտը պահպանում էր ինձ առավելագույն դառը աղետների համար, եթե միայն կան այդպիսիները, և նա չկամեցավ, որ այդ վայրկյանին բանականությունս հետ գար, ― որ հետագայում, այստեղ, բոլորովին լքեց ինձ։ Ես վանեցի իմ մեծագույն թշնամիներից վրեժ լուծելու միտքը (իսկ դժվար չէր այդ անել, որովհետև նրանք գաղափար չունեին, որ ես ներկա եմ) և վճռեցի նրանց արժանի պատիժն իմ դեմ ուղղել։ Եվ, երևի թե, եթե ես նրանց սպանելու լինեի, նրանց տառապանքն ավելի նվազ կլիներ, քան այն տանջանքը, որ ես հիմա կրում եմ։ Չէ՞ որ հանկարծակի մահն ավարտում է մեր վիշտը, մինչդեռ տանջանքով երկարաձգած մահը մեզ անընդհատ սպանում է՝ առանց կյանքից զրկելու։ Մի խոսքով՝ ես դուրս եկա Լյուսինդայի տնից և գնացի մի մարդու մոտ, որի մոտ թողել էի իմ ջորին։ Հրամայեցի, որ ջորուս փալանը դնեն, հեծա և տանտիրոջը հրաժեշտ չտալով, դուրս եկա քաղաքից։ Ղովտի պես սիրտ չանելով հետ նայելու։ Երբ որ ես մնացի մենակ դաշտում, և գիշերվա մթությունը ծածկեց ինձ, իսկ լռությունը տրամադրեց աղերսանքի, ես բարձրացրի ձայնս, առանց հոգ տանելու և զգուշանալու, որ մեկն ու մեկը ինձ կլսի և կճանաչի ինձ և անթիվ անեծք թափեցի Լյուսինդայի ու դոն Ֆերնանդոյի գլխին, ասես թե ես դրանով վարձատրում էի ինձ կրածս վիրավորանքի համար։ Ես նրան դաժան էի անվանում, անսիրտ, ստասաց, անշնորհակալ։ Մանավանդ ես խարազանում էի նրա ընչասիրությունը, որովհետև իմ թշնամու հարստությունը կուրացրել էր նրա սիրտը, և նա լքեց ինձ, տրվելով նրան, որին բախտը ավելի առատաձեռն ու վեհանձ էր շնորհել։ Մեկ էլ հանկարծ այս անեծքի և կշտամբանքի տարափն ընդհատելով, ես սկսում էի նրան արդարացնել, ասելով, որ ծնողները նրան խստության մեջ էին դաստիարակել, որ նա սովորել ու ընտելացել է ամեն բանում հնազանդել նրանց, ուստի զարմանալի չէ, որ նա կամեցել է կատարել նրանց կամքը, մանավանդ, որ նրանք այնքան արժանավոր, հարուստ ու ազնվազարմ մի ազնվական են նրա համար ամուսին ընտրել։ Եթե նա մերժելու լիներ, ապա ամենքը կկարծեին, թե նա խելառ է և սիրում է մի ուրիշին ― իսկ այդ կասկածը շատ կվնասեր նրա համբավին ու բարի անվանը։ Ապա ես առարկում էի ինքս ինձ, որ Լյուսինդան պիտի հայտարարեր, որ ես նրա ամուսինն եմ, և այդ դեպքում ամենքը նրան կարդարացնեին, քանի որ նա վատ ընտրություն չէր արել։ Չէ՞ որ դոն Ֆերնանդոյի առաջարկություն անելուց առաջ նրա ծնողները իրենք էլ իրենց աղջկան ավելի լավ ամուսին չէին կարող ցանկանալ, եթե միայն նրանց ցանկությունները ղեկավարում է բանականությունը։ Որ Լյուսինդան, փոխանակ ենթարկվելու ծայրահեղ բռնության և դոն Ֆերնանդոյին մարդու գնալու, պարտավոր էր ասելու, որ կապված է ինձ հետ ― ես կօգնեի նրան և նեցուկ կլինեի այն ամենի նկատմամբ, որ նա այդ առթիվ հնարելու լիներ։ Վերջ ի վերջո ես այն եզրակացության հանգեցի, որ նա խելառ է, անզգա և փառամոլ, ուստի և շքեղության ծարավը հարկադրել է նրան մոռացության տալու այն խոսքերը, որոնցով նա խաբում էր, սնում ու պահպանում իմ ամբողջ հույսերն ու ազնիվ զգացմունքները։ | ||
+ | |||
+ | Գիշերվա ողջ մնացորդը ես թափառում էի, տագնապի մեջ խոսում ինքս ինձ հետ և լուսաբացին ընկա այս լեռները։ Երեք օր ես թափառեցի լեռներում, որտեղ ոչ ճամփա կար, ոչ կածան, մինչև որ, վերջապես, հասա մի լեռնադաշտ, որ այստեղից հեռու չէ։ Այնտեղ ես հովիվներից հարցրի, թե այս լեռներում ինչ վայրի կիրճեր կան, և նրանք ինձ այս կողմը ուղղեցին։ Ես իսկույն ճամփա ընկա՝ հաստատ վճռած լինելով այնտեղ ինքնասպան լինել։ Այս խորքերն ընկնելու միջոցին իմ ջորին սատկեց հոգնածությունից ու սովից։ Ես նույնիսկ կարծում եմ, որ այդպես պատահեց նրա համար, որ ջորին այլև չկամեցավ իր վրա քարշ տալ իմ մարմինը ― մի անպետք բեռ։ Ես քարշ եկա ոտով, ուժասպառ, սովալլուկ, անօգ, առանց որևէ մեկից օգնություն հայցելու։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ մնացի ես գետին փռված, ապա թե վեր կացա, առանց քաղց զգալու և ոչ հեռու ինձնից այծարածներ տեսա։ Ահա նրանք օգնեցին ինձ։ Նրանց ասելով, երբ որ նրանք ինձ հանդիպեցին, ես այնպիսի անմիտ ու անիմաստ խոսքեր էի արտասանում, որ պարզ էր իմ խելակորույս լինելը։ Հետագայում ես էլ համոզվեցի, որ ժամանակ առ ժամանակ ես խելքս կորցնում եմ, իմ գիտակցությունը մթագնում ու թուլանում է և հազար ու մեկ խելագարություն եմ անում, պատառոտում եմ հագիս հանդերձը, այս անապատը լցնում եմ հառաչանքներով, անիծում եմ բախտս և ապարդյուն կրկնում իմ թշնամու սիրելի անունը։ Այդ վայրկյաներին ես մի ցանկություն և մի միտք եմ ունենում այս հառաչանքներով վերջացնեմ կյանքս։ Իսկ երբ ուշքի եմ գալիս, ես այնքան ջարդված եմ լինում ու տանջված, որ հազիվհազ եմ շարժվում։ | ||
+ | |||
+ | Սովորաբար ես գիշերում եմ կաղնու փչակում, որ բավականաչափ ընդարձակ է, որ իմ թշվառ մարմինը ծածկի։ Գյուղացիները, որ այս լեռներում կով ու այծ են արածացնում, մեղքանալուց ինձ սնում են՝ ճամփի եզերքին կամ ժայռերի վրա ինձ համար ուտելիք դնելով, և ես թափառելով պատահաբար գտնում եմ։ Եվ ահա, անգամ երբ որ բանականությունս լքում է ինձ, բնության ձայնն ստիպում է ինձ ճանաչել սնունդը, մեջս նրան ձեռք գցելու ու կլանելու ցանկություն է հարուցանում։ Պատահում է, ― պատմում են ինձ հովիվները իմ զգաստանալու պահերին, ― որ ես դուրս եմ վազում ճամփան, երբ որ նրանք գյուղից իրենց վրանները մթերքներ են բերելիս լինում և բռնի խլում եմ այն, ինչ որ նրանք կտային ինձ կամավին։ Այսպես եմ քարշ տալիս իմ կյանքի դառն ու չարքաշ օրերը՝ սպասելով, թե երբ կհաճի երկինքը, վերջ տալու կամ թե չէ ջնջելու իմ հիշողությունից Լյուսինդայի գեղեցկության և դավաճանության և դոն Ֆերնանդոյի ինձ հասցրած վիրավորանքի հիշատակը։ Եթե երկինքն ինձ այդ ավելի շուտ առաքի, քան թե մահը ― ապա իմ միտքը կհանգստանա, իսկ եթե ոչ ― ապա կմնա, որ աղերսեմ երկնքից իմ հոգու համար անսահման գթություն, որովհետև ես ոչ ուժ ունեմ, ոչ արիություն իմ մարմինը դուրս բերելու այն աղետալի կացությունից, որ ես ինքս եմ նրան կամովին դատապարտել։ | ||
+ | |||
+ | Ահա, սինյորներ, իմ դժբախտության ցավալի պատմությունը։ Ասացեք, կարելի՞ է արդյոք տանել, առանց զգալու այն հուզումները, որ ես եմ զգում։ Հոգնություն մի՛ք պատճառի ձեզ հորդորելով և խորհուրդ տալով ինձ այն, ինչ որ բանականության տեսակետից կարող էր ինձ համար օգտավետ լինել, որովհետև ձեր խորհուրդներն ինձ նույնքան քիչ կօգնեն, որքան դեղերը, որ դուրս է գրում հռչակավոր բժիշկը մի հիվանդի համար, որը չի ուզում ընդունել դրանք։ Առանց Լյուսինդայի ինձ բուժում հարկավոր չէ։ Եվ քանի որ նա հաճել է ուրիշին տրվել, թեև պատկանել ու պիտի պատկաներ ինձ ― ապա ես կամենում եմ մնալ իմ դարդի մեջ, թեև ես կարող էի երջանիկ դառնալ։ Իմ տառապանքների հարատևությունը առաջ է եկել Լյուսինդայի փոփոխամտությունից, և ես կանեմ ինչ որ հնարավոր է, որպեսզի կործանեմ ինձ և դրանով բավարարեմ նրա ցանկությունը։ Թող իմ կյանքը գալիք սերունդների համար օրինակ լինի, որովհետև ինձնից խլվեց անգամ այն, ինչ որ ունենում են բոլոր զրկվածները՝ մխիթարանքի անհնարությունն իսկ մխիթարում է նրանց, իսկ իմ տառապանքն ու տանջանքը դրանից միայն ավելանում են, և, թվում է ինձ՝ նրանք չեն պրծնի անգամ իմ մահից հետո։ | ||
+ | |||
+ | Այսպիսի խոսքերով եզրափակեց Կարդենիոն իր դժբախտ սիրո երկար պատմությունը։ Քահանան մտադիր էր մի քանի մխիթարիչ խոսք ասի, բայց այդ վայրկյանին նրան կասեցրեց ականջին հասած մի ինչ֊որ ձայն։ Ձայնը խոսում էր ցավագին տոնով, բայց ինչ էր ասում ― դուք կիմանաք այս պատմության չորրորդ մասում։ Որովհետև այստեղ իմաստուն ու խորաթափանց պատմաբան Սիդ Համետ Բենենխելին ավարտում է իր պատմության երրորդ մասը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXVIII== | ||
+ | |||
+ | Ուր պատմվում է նույն լեռներում քահանայի և դալլաքի գլխին եկած նոր ու հաճելի անցքի մասին | ||
+ | |||
+ | |||
+ | Բախտավոր ու բարի էր այն ժամանակը, երբ աշխարհ եկավ խիզախ ասպետ դոն Կիխոտը, որովհետև թափառական ասպետության գրեթե կորած ու անհետացած ուխտին հարություն տալու և աշխարհին վերադարձնելու նրա վեհանձն որոշումը ուրախ ժամանցից զուրկ մեր դարում մեզ վայելք է պատճառում ոչ միայն նրա ճշմարտապատում պատմությամբ, այլև միջանկյալ վիպակներով ու դիպվածներով, որոնք մեծ մասամբ պակաս հաճելի, ճարտար ու ճշմարտապատում չեն, քան բուն պատմությունը։ Իսկ վերջինս, հետևելով գզած բրդից մանած հավասար թելին, պատմում է, թե այն րոպեին, երբ քահանան մտադիր էր մխիթարել Կարդենիոյին, նրանց ականջին մի վշտալի ձայն հասավ, որ հետևյալն էր ասում․ | ||
+ | |||
+ | ― Տե՜ր Աստված։ Մի՞թե այս լեռներում ես գտա վերջապես գաղտնի դամբարանը իմ մարմնի, որ ակամա քարշ եմ տալիս՝ իբրև բեռ։ Այո՛, գտա, եթե այս կիրճերի ամայությունն ինձ չի խաբում։ Ի՜նչ դժբախտ կին եմ եղել ես։ Այս թավուտներում ու ժայռերում ես կարող եմ գանգատվել երկնքին իմ ցավերից, և անապատն ինձ համար մարդկանց հասարակությունից ավելի սիրելի է, որովհետև աշխարհիս երեսին չկա մեկը, որից կարելի լինի տարակուսանքների համար խորհուրդ ակնկալել, մխիթարանք՝ ցավերի և դեղ՝ վշտերի համար։ | ||
+ | |||
+ | Քահանան և նրա ուղեկիցներն առան այդ ձայնն ու լսեցին այդ խոսքերը և նրանց թվաց, թե դա բոլորովին մոտիկ տեղից է գալիս (ինչ որ, իրոք, այդպես էլ էր)։ Ուստի նրանք գնացին որոնելու խոսողին և, քսան քայլ չանցած, հանկարծ ժայռի ետևում, հացենու տակին գեղջկական հագուստով մի երիտասարդ տեսան։ Նա նստած էր, ոտները դրած այնտեղից հոսող վտակի մեջ և գլուխը ցածր խոնարհած, այնպես որ նրանք սկզբում նրա դեմքը չտեսան։ Նրանք այնքան կամացուկ մոտեցան, որ երիտասարդը չլսեց։ Նա խնամքով լվանում էր ոտները, որ ճերմակ բյուրեղի կտորների էին նմանում, որ կարծես թե այլ քարերի միջև ծնվել էին վտակում։ Նրանց գեղեցկությունն ու ճերմակությունը զարմացրին մեր բարեկամներին։ Նրանց հավատալը չէր գալիս, որ նման ոտիկներ ստեղծած լինեին վարած դաշտ կոխ տալու կամ գութանի ու գոմեշների ետևից քայլելու, թեև շորերին նայած երիտասարդը գյուղացի էր։ Համոզվելով, որ նա իրենց չի նկատել, քահանան, որ առջևից էր գնում, իր ուղեկիցներին նշան արեց, որ անհետանան և թաքնվեն ժայռերի կույտերի ետևում, մի բան, որ նրանք արին՝ շարունակելով ուշի֊ուշով հետևել երիտասարդին։ Նրա հագին գորշագույն կապա կար, որ կողքերից կտրված էր և ամուր սեղմված էր ճերմակ գոտիով, ապա՝ վարտիք և ոտի փաթաթան գորշագույն մահուդից, իսկ գլխին՝ գորշագույն գործած գլխարկ։ Փաթաթանը փաթաթած էր մինչև ծնկները, իսկ ծնկները ճերմակ ալեբաստրի նման էին։ Իր չքնաղ ոտները լվանալուց հետո նա իր գլխարկի միջից մի թաշկինակ հանեց, որով գլուխ են կապում և սկսեց սրբել ոտները։ Սակայն գլխարկը հանելու միջոցին նա գլուխը բարձրացրեց և նրան նայողները այնպիսի աննման գեղեցկություն տեսան, որ Կարդենիոն շշնջաց քահանային․ | ||
+ | |||
+ | ― Էհ, եթե դա Լյուսինդան չէ, ապա մարդ էլ չէ, այլ՝ հրեշտակ։ | ||
+ | |||
+ | Մինչ այս, մինչ այն, երիտասարդը գլխարկը հանեց և թափ տվեց գլուխը, և իսկույն արձակվեցին ու թափվեցին մինչև ուսերը նրա մազերը, որոնց կարող էին նախանձել արևի ճառագայթները։ Այստեղ մեր բարեկամները գլխի ընկան, որ կարծեցյալ գյուղացին կին է, այն էլ՝ չքնաղ, որից գեղեցիկը նրանք մինչ այդ չէին տեսել, անգամ Կարդենիոն, որ տեսել ու ճանաչել էր Լյուսինդային, հավատացնում էր, որ միմիայն նրա սիրածն էր կարող գեղեցկությամբ մրցել անծանոթի հետ։ Նրա երկար խարտյաշ մազերը այնքան առատ ու ոլորուն էին, որ ոչ միայն ուսերն էին ծածկում, այլև նրան ամբողջապես ծածկում էին, այնպես որ նրա ողջ մարմնից միայն ոտերն էին երևում։ Նա իր մազերը ձեռներով էր սանրում։ Եվ եթե նրա ոտները վտակում բյուրեղի կտորներ էին թվում, ապա ձեռները վարսերի վետերում հիշեցնում էին ամուր ձյունի կտորներ։ Այդ ամենի տեսքից նայողների մեջ հիացումի հետ միասին աճում էր նրան ճանաչելու ցանկությունը։ Ուստի նրանք որոշեցին երևելի դառնալ։ Աղմուկի ձայն առնելով, որ դուրս եկավ այդ շարժման հետևանքով, չքնաղ աղջիկը գլուխը բարձրացրեց և աչքերը ծածկող մազերը երկու ձեռքով ետ գցելով, նայեց այն կողմը, որտեղից նրան հասան այդ ձայները։ Սակայն, եկվորներին դեռ չտեսած, նա վեր թռավ, վերցրեց իր իրեղենների կապոցը և ինչպես որ կար ― բոբիկ, հերարձակ, ահ ու դողի մեջ փախուստ տվեց։ Սակայն նրա քնքուշ ոտները չկարողացան տանել քարերի կոշտությունը և մի հինգ֊վեց քայլ անելուց հետո նա վայր ընկավ։ Տեսնելով այդ՝ երեքն էլ մոտեցան նրան և քահանան առաջինը խոսեց․ | ||
+ | |||
+ | ― Ով էլ որ լինեք դուք, տիրուհի, հավատացած եղեք, որ ձեր առջև այնպիսի մարդիկ են, որոնց միակ ցանկությունն է ծառայել ձեզ։ Դուք պատճառ չունեք այդքան շուտափույթ փախուստ տալու։ Ձեր ոտիկներն էլ չեն կարող տանել, մենք էլ չենք կարող թույլ տալ այդ։ | ||
+ | |||
+ | Զարմանալով ու քաշվելով նա ոչ մի խոսք չպատասխանեց։ Նրանք մոտեցան և քահանան, բռնելով նրա ձեռքը, շարունակեց այսպես․ | ||
+ | |||
+ | ― Այն, ինչ ծածկում էր մեզնից ձեր հանդերձը, մատնեցին ձեր մազերը։ Երևի թե կարևոր պատճառներ կան, որ հարկադրել են ձեզ ձեր գեղեցկությանն այնքան անվայել հագուստ հագնել և այս խուլ վայրերը քաշվել, որտեղ երջանիկ պատահականությունն օգնեց մեզ ձեզ գտնելու։ Եթե մենք ի վիճակի էլ չլինենք ձեր դարդը բուժելու, ապա գոնե կօգնենք ձեզ խորհրդով։ Որքան էլ դժբախտությունը մեզ կեղեքելու լինի, ինչ աստիճանի էլ նա հասնելու լինի, քանի որ մենք կենդանի ենք, մենք չպիտի խուսափենք խորհուրդներից այն մարդկանց, որ կամենում են ձեր տառապանքը թեթևացրած լինեն։ Ուստի, տիրուհիս, կամ տեր իմ, կամ որպես ձեզ հաճելի լինի, մի կողմ թողեք երկյուղը, որ մեր երևան գալը պատճառեց ձեզ՝ և պատմեցեք մեզ ձեր վիշտն ու խինդը, իսկ մենք բոլորս միասին կամ յուրաքանչյուրս ջոկ֊ջոկ կօգնենք ձեզ ձեր դարդը տանելու։ | ||
+ | |||
+ | Քահանայի ամբողջ ճառի ընթացքում շորերը փոխած աղջիկը կանգնած էր հմայվածի պես և նայում էր նրանց առանց շուրթերը շարժելու և առանց ձայն֊ծպտուն հանելու, բոլորովին գեղջուկ տղայի պես, որին հանկարծ հազվագյուտ, երբեք չտեսնված բաներ են ցույց տվել։ Քահանան նորանոր ապացույցներ էր բերում, որ նույն նպատակին էին ուղղված։ Վերջապես խորունկ հոգվոցով նա խզեց լռությունն ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Քանի որ այս լեռների ամայությունն էլ չկարողացավ թաքցնել ինձ, իսկ իմ բաց ու արձակ մազերը թույլ չտվին, որ լեզուս ստի, ապա զուր կլիներ, որ ես ուրիշ մարդ ձևանայի։ Դուք ինձ հավատալու տեսք կընդունեք, սակայն քաղաքավարությունից դրդված, ոչ ավել։ Ուստի սինյորներ, ես շնորհակալ եմ ձեր առաջարկությունների համար և պարտավորված եմ համարում ինձ կատարելու ձեր խնդիրը։ Միայն թե երկյուղ եմ կրում, որ իմ տառապանքների պատմությունը ձեր մեջ միայն կարեկցություն չի հարուցանի, այլև հուսահատություն, որովհետև դուք ոչ դեղ կգտնեք նրանց բուժելու համար, ոչ խորհուրդ՝ թեթևացնելու։ Այնուհանդերձ, որպեսզի դուք իմ պատվի նկատմամբ տարակուսած չլինեք, իմանալով, որ ես կին եմ և տեսնելով ինձ այսքան երիտասարդ, առանց ուղեկիցների և այսպիսի հագուստ հագիս ― իսկ բոլոր այդ հանգամանքները միասին և նրանցից յուրաքանչյուրը առանձին կարող են արատավորել ամեն մի բարի անուն ― ես ձեզ կպատմեմ այն, ինչ որ ես, եթե կարողանայի, կգերադասեի լռությամբ անցնել։ | ||
+ | |||
+ | Այդ ամենը նա արտասանեց առանց կանգ առնելու։ Չքնաղ աղջիկը այնպիսի սահուն ոճ ուներ և այնքան քնքուշ ձայն, որ նրա խելքը պակաս չէր հիացնում, քան գեղեցկությունը։ Նրանք նորից սկսեցին առաջարկել իրենց ծառայությունը և խնդրել, որ նա իր խոստումը կատարի։ Առանց իրեն թախանձել տալու աղջիկը մեծագույն համեստությամբ կոշիկները հագավ և մազերը կարգի բերեց, ապա նստեց նրանց միջև՝ ժայռի փոս տեղում և, դժվարությամբ զսպելով արցունքները, հանդարտ ու պայծառ ձայնով այսպես սկսեց իր կյանքի պատմությունը․ | ||
+ | |||
+ | ― Մեր Անդալուզիայում կա մի քաղաք, որի անունով կոչվում է իր հերցոգը՝ Իսպանիայի մեծամեծներից մեկը։<ref>Ինչպես ենթադրում են մեկնաբանները, այստեղ նկատի է առնվում հերցոգ դե Օսունան, որի ընտանիքում 1581-1582 թթ․ իսկապես որ տեղի են ունեցել պատմվող նովելլային հար և նման դեպքեր։ Օսունա քաղաքը գտնվում է Սևիլյայից 85 կիլոմետր դեպի արևելք։</ref> Նա երկու որդի ունի, մեծը՝ իր տիտղոսի և, ինչպես թվում է, նրա ազնիվ բարքերի ժառանգը, փոքրը՝ չգիտեմ, թե ում ժառանգն է, թերևս իր դավաճանությամբ Վելյիդոյինը կամ նենգամտությամբ Գանելոնինը։ Իմ ծնողները այդ տերերի ծառաներն են։ Նրանք համեստ տոհմից են, բայց այնքան հարուստ, որ եթե նրանց ազնիվ ծագումը հավասար լիներ հարստության ― նրանք ոչինչ ցանկություն չէին ունենա, իսկ ես կարող կլինեի երկյուղ չկրել դժբախտություններից, որ հիմա թափվել են գլխիս, որովհետև, թերևս, բոլոր իմ աղետները նրանից են ծագում, որ նրանք ազնվական չեն ծնվել։ Ճիշտ է, նրանց ծագումը այնքան ստոր էլ չէ, որ մարդ ամաչի, սակայն բավականաչափ բարձր էլ չէ։ Ուստի ես կարծում եմ, որ նա է իմ տառապանքների պատճառը։ Մի խոսքով՝ նրանք գյուղացիներ են, հասարակ մարդիկ, առանց որևէ ամոթաբեր արյան խառնուրդի և, ինչպես ասվում է, բարի հին քրիստոնյաներ, համ էլ այնքան հարուստ, որ հարստությունն ու շքեղ կենցաղավարությունը նրանց կամաց֊կամաց հավասարեցրել են հիդալգոներին և անգամ կաբալյերոներին։<ref>Հիդալգո ― յուրաքանչյուր ազնվական՝ անկախ նրա հասարակական դիրքից, կաբալյերո ― ազնվական, որն աչքի ընկնող դիրք ունի։</ref> Սակայն առավել քան հարստությունից և ազնվական ծագումից նրանք պարծենում էին ինձնով՝ իրենց աղջկանով։ Նրանի՞ց էր արդյոք, որ նրանք ուրիշ ժառանգ չունեին, թե նրանից, որ նրանք ինձ սաստիկ սիրում էին, սակայն երբեք, կարծեմ, ծնողները իրենց զավակներին այնպես երես տված չեն եղել, ինչպես նրանք՝ ինձ։ Ես նրանց համար հայելի էի, որի մեջ նրանք տեսնում էին ինքներն իրենց, նրանց ծերության ցուպը, նրանց հոգսերի առարկան և նրանց երկնքին հնազանդ ցանկությունը այնքան էր գեղեցիկ, որ ինքս էլ այլ ցանկություն չէի կարող ունենալ։ Ես նրանց հոգիների տերն էի և նրանց տան տնտեսուհին։ Ես էի վարձում ու արձակում ծառաներին, ես էի հաշվի և գրի առնում, թե ինչքան է ցանվում ու հնձվում, ես էի կարգադրություններ անում, հաշիվը պահում խոշոր ու մանր անասունների, փեթակների ― մի խոսքով՝ այն ամենի, որ կարող է ունենալ և ուներ այնպիսի հարուստ մի շինական, ինչպիսին իմ հայրն է։ Ես կառավարչուհու ու տիրուհու պես էի ինձ պահում, և իմ եռանդն ու նրանց ուրախությունը այնքան մեծ էին, որ ես պարզապես խոսք չեմ գտնում նկարագրելու համար։ Արձակելով վերակացուներին, ավագ հովիվներին և բատրակներին՝ ես ազատ ժամերս զբաղվում էի գործերով, որոնք նույնքան անհրաժեշտ են, որքան և վայել աղջիկներին, օրինակ՝ կար էի անում, ասեղնագործում և երբեմն թել մանում։ Իսկ երբ ցրվելու համար ես թողնում էի այդ զբաղմունքները, ինձ գրավում էր կամ բարեպաշտ գրքի ընթերցանությունը կամ տավիղ նվագելը, որովհետև ես փորձով գիտեի, որ երաժշտությունը բուժում է հոգու խռովությունը և հանգստացնում խելքից ծագած հուզմունքը։ Այդպես էր անց կենում ծնողական տանը իմ կյանքը, և եթե ես այսքան մանրամասն եմ նկարագրում, ապա հավատացեք, որ սնապարծությունից կամ հարստությունովս պարծենալու ցանկությունից չեմ անում այդ, այլ ես կամենում եմ, որպեսզի դուք ըմբռնեք, թե ինչպես առանց որևէ մեղքի ես այն երջանիկ կացությունից անցա այս ցավագինին։ | ||
+ | |||
+ | Օրերս աշխատանքի ու մենության մեջ անցկացնելով, մենության, որ կարելի է վանական փակ կյանքի նմանեցնել, ես հավատացած էի, որ բացի մեր տան ծառաներից ոչ ոք չի կարող ինձ տեսնել, քանի որ անգամ եկեղեցի ես վաղ առավոտյան էի գնում մորս ու սպասավորների ուղեկցությամբ, այն էլ այնպիսի թանձր քողով ծածկված, որ իմ աչքերը հազիվ էին տեսնում գետնի այն կտորը, որի վրա ես ոտ էի դնում։ Այնինչ այնպես պատահեց, որ սիրո, կամ ավելի լավ է ասել, պարապության աչքերը, որոնք չեն հավասարվի և լուսանի աչքերին, նկատեցին ինձ։ Դոն Ֆերնանդոն ― այդպես էր հերցոգի կրտսեր որդու անունը, որ ես արդեն հիշատակել եմ, ― ինձ վրա ուշ դարձրեց։ | ||
+ | |||
+ | Հազիվ անծանոթ աղջիկը արտասանեց այդ անունը, Կարդենիոն գունաթափվեց, քրտնեց և այնպիսի ուժգին հուզմունք ցուցադրեց, որ նրան նայող քահանան ու դալլաքը վախեցան՝ կարծելով, թե նորից խելագարությունը բռնեց նրան, որովհետև նրանք գիտեին, որ ժամանակ առ ժամաակ նրան այդ ցավը բռնում է։ Սակայն Կարդենիոն տեղում սառեց՝ քրտնակոխ, անշարժ, նայում էր նա պատմող աղջկան, աշխատելով գլխի ընկնել, թե ով է նա։ Իսկ աղջիկը առանց նկատելու նրա հուզմունքը շարունակեց իր պատմությունը։ | ||
+ | |||
+ | ― Հազիվ նա ինձ տեսավ, համակվեց սաստիկ սիրով (ինչպես նա ինքը խոստովանեց հետո), որի ուժը հաստատեցին նրա վարմունքները։ Սակայն իմ դժբախտությունները թվելուն վերջ տալու համար ― մեկ է, անկարելի է բոլորը թվել ― ես լռությամբ կանցնեմ Ֆերնանդոյի իր զգացմունքներն իմ առջև բանալու բոլոր փորձերը։ Տանը բոլոր ծառաներին նա կաշառել էր, ծնողներիս վրա թափվում էին նվերներ ու շնորհներ։ Յուրաքանչյուր օր մեր փողոցում տոն ու խնդություն կար, իսկ գիշերները սերենադները ոչ ոքի չէին թողնում քնել։ Անհայտ ճանապարհներով ինձ հասնող նամակները անհաշիվ էին և լի սիրային խոսքերով ու առաջարկներով։ Նրանց մեջ երդում ու խոստումները տառերից շատ էին։ Այդ ամենը ոչ միայն չսիրաշահեց իմ սիրտը, այլև, ընդհակառակ, խստասիրտ դարձրեց, ասես նա իմ մահացու թշնամին լիներ և կարծես այն ամենը, ինչ որ նա անում էր իմ սիրտը գրավելու համար, հակառակ նպատակի էր ուղղվում։ Սակայն դոն Ֆերնանդոյի սիրաբանությունն ինձ չէր վրդովեցնում, և նրա ձգտումներն ինձ հանդգնություն չէին թվում, որովհետև ես ինչ֊որ բավարարություն էի զգում այն մտքից, որ ինձ սիրում ու պաշտում է նրա պես ազնվազարմ մի կաբալյերո։ Ես չէի զզվում կոմպլիմենտներից, որ կարդում էի նրա նամակներում։ Այդ կողմից, թվում է ինձ, թե կանայք, անգամ ամենաանճոռնիները, միշտ գոհ են մնում, երբ որ նրանց գեղեցկուհի են անվանում։ Սակայն դոն Ֆերնանդոյի դեմ ծառանում էին իմ պատիվը և ծնողներիս թախանձագին խորհուրդները։ Նրանց շատ լավ հայտնի էր նրա կիրքը դեպի ինձ, որովհետև դոն Ֆերնանդոն իրեն հոգնություն չէր պատճառում որևէ մեկի մոտ այդ բանը ծածկելու։ Ուստի ծնողներս հայտարարեցին ինձ, թե քանի որ գործը մեր պատվի և մեր անվան բարի համբավի մասին է, ապա նրանք լիովին վստահում են իմ առաքինությանն ու բանականությանը։ Որ ես չեմ կարող անտես առնել, թե ինչ անհավասարություն կա մեր միջև։ Որ դոն Ֆերնանդոյի ձգտումներն ուղղված են ավելի իր հաճույքին հագուրդ տալու, քան իմ բարօրությանը։ Որ ես պետք է որևէ կերպով նրա անտեղի պահանջների առաջն առնեմ, ապա թե նրանք ինձ մարդու կտան նրան, ով որ ամենից շատ սրտովս լինի, անգամ եթե նա մեր կողմերում կամ ամբողջ շրտանում ամենաազնվազարմ երիտասարդը լինի։ Չէ՞ որ ունենալով մեր հարստությունն ու իմ բարի համբավը դժվար չէր այդ անելը։ Նրանց արդարացի և լրջմիտ հավաստիացումները թև տվին իմ հաստատակամությանը, և ես դոն Ֆերնանդոյին չհաճեցի գեթ մի խոսք ասել, որ նրան անգամ հեռավոր հույս ներշնչեր, թե նա հաջողություն կունենա։ | ||
+ | |||
+ | Սակայն իմ զսպվածությունը, որ նրան արհամարհանք էր թվում, առավել ևս հրահրում էր նրա հեշտագին ցանկությունը։ Այո՛, նրա կիրքը դեպի ինձ արժանի է այդ անվան, որովհետև եթե այն այնպես լիներ, ինչպես պիտի սերը լինի, դուք նրա մասին բան չէիք իմանա, որովհետև ես տեղիք չէի ունենա պատմել նրանից։ Վերջապես, դոն Ֆերնանդոն իմացավ, որ իմ ծնողները մտադիր են ինձ մարդու տալու, որպեսզի նրանից ինձ տիրանալու հույսը խլած լինեն, կամ թե, առնվազն, որպեսզի ավելի լավ պահպանած լինեն ինձ, և այդ լուրը կամ կռահումը մղեց նրան անելու այն, ինչ որ հիմա դուք կլսեք։ Մի անգամ, աշնանը, երբ որ ես սպասուհու հետ մենակ էի իմ սենյակում և դուռը ամուր փակված էր երկյուղից, որպեսզի իմ պատիվը անփութության հետևանքով վտանգի չենթարկվի, բոլոր այդ ցանկապատների և նախազգուշացումների միջում փակված միջոցիս, մեկուսացմանս խաղաղ պահին, հանկա՛րծ, ― ես չեմ կարող ոչ ըմբռնել, ոչ երևակայել, թե ինչպես պատահեց, ― ես նրան տեսնում եմ իմ առջև։ Նրա երևան գալը ինձ այնպես շշմեցրեց, որ աչքերս մթնեցին և լեզուս պապանձվեց։ Ես անգամ ճչալ չկարողացա, ասենք՝ նա ինձ այդ անելու միջոց էլ չտվեց, որովհետև անմիջապես հարձակվեց վրաս և, սեղմելով ինձ իր գրկում (ես այնքան շփոթված էի, որ ուժ չունեցա պաշտպանվելու), սկսեց ինձ այնպիսի բաներ ասել, որ, ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչպես սուտը կարող է այդքան ճարտար լինել և ստի հիմնավորումը որքան կարող է նմանվել ճշմարտության։ Համ էլ այդ դավաճանի արցունքը հաստատում էր նրա խոսքը, իսկ ախ ու վախը՝ մտադրությունները։ Իսկ ես՝ ողորմելիս, մեն֊մենակ, նմանօրինակ պարագաներում մերոնց միջև ոչ մի փորձ ստացած չլինելով, հավատ ընծայեցի նրա հավաստիացումներին։ Այնուհանդերձ, ոչ այն չափով, որպեսզի նրա արցունքն ու ախ ու վախը մեջս ցավակցությունից ավելին առաջ բերեին։ Եվ ետ գալով առաջին երկյուղից, ես սիրտ արի և կտրուկ, ― չէի էլ կարծում, որ ընդունակ եմ դրան, ― ասացի․ «Եթե ես քո գրկում չլինեի, այլ ամեհի առյուծի ճիրաններում և եթե իմ փրկության համար ինձ առաջարկեին ասել կամ անել իմ պատվին որևէ հակառակ բան, ես կպատասխանեի, որ այդ նույնքան անհնար է, որքան եղածը չեղած դարձնելը։ Եվ, ինչպես որ դու ես սեղմում իմ մարմինը քո գրկում, այնպես էլ ես եմ կաշկանդել իմ հոգին բարի դիտավորություններով և որքան իմ դիտավորությունները նման չեն քոնին, դու այդ կտեսնես, եթե բռնություն գործադրելով, կամենալու լինես ավելի հեռուն գնալ։ Ես քո հպատակն եմ, սակայն՝ ոչ ստրկուհին։ Քո արյան ազնվությունը չունի և չի կարող ունենալ իշխանություն խայտառակլու իմ ոչ ազնվական արյունը։ Ես, հասարակ գեղջկուհի լինելով, հարգում եմ ձեզ ոչ պակաս, քան դու, սինյոր կաբալյերո, քեզ ես հարգում։ Քո ուժը քեզ չի օգնի, քո հարստությունը չի ազդի։ Քո խոսքերը ինձ չեն խաբի, իսկ քո ախ ու վախն ու արցունքը չեն շարժի իմ սիրտը։ Սակայն եթե իմ հիշատակած հատկություններից մեկն ու մեկը ես տեսնելու լինեմ այն մարդու մեջ, որին իմ ծնողներն ընտրելու լինեն ամուսին ինձ համար, իմ կամքը կենթարկվի նրանց կամքին և նշանախեց անգամ զանց չի առնի։ Եվ եթե իմ պատիվը անարատ մնա, ես առանց խնդության, բայց կամովին, կտամ նրան այն, ինչը, սինյոր, դու ես այդքան համառ ձգտում։ Հասկացիր ապա իմ խոսքը՝ աշխարհիս երեսին ոչ ոք բացի օրինավոր ամուսնուց չի ձեռք բերի իմ շնորհը»։ ― Եթե բանը հենց այդ է, չքնաղ Դորոթեա (այդպես է թշվառականիս անունը) ― պատասխանեց անազնիվ կաբալյերոն, ― ահա քեզ իմ ձեռքը, որպես նշան մեր նշանադրության։ Թող երկինքը վկա լինի ― նրանից թաքուն բան չի մնա ― և Տիրամոր այս պատկերը, որ քո առջև է»։ | ||
+ | |||
+ | Երբ որ Կարդենիոն լսեց, որ անծանոթ աղջկա անունը Դորոթեա է, դարձյալ հուզվեց, որովհետև նրա ենթադրությունը վերջնականապես հաստատվեց։ Սակայն նա չկամեցավ ընդհատել պատմությունը, որպեսզի իմանա, թե բանն ինչով է վերջանում, թեև նա արդեն գրեթե գիտեր վերջավորությունը։ Նա միայն հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Սինյորա, քո անունը Դորոթե՞ա է։ Ես լսել եմ մի աղջկա մասին, որ այդ անունով է կոչվելիս եղել։ Նրա կրած աղետները հավասար են քոնին։ Սակայն շարունակիր, ժամանակը կհասնի, և ես քեզ այնպիսի մի բան կպատմեմ, որ քեզ նույնքան կզարմացնի, որքան որ կվշտացնի։ | ||
+ | |||
+ | Կարդենիոյի այս խոսքերը, ինչպես և նրա տարօրինակ և խղճուկ հագուստը գրավեցին Դորոթեայի ուշադրությունը, և աղջիկը խնդրեց նրանից, որ իսկույն ևեթ նա պատմի այն մյուս աղջկանից։ Քանի որ բախտը մի բարիք է շնորհել իրեն ― դժբախտությունը տանելու արիություն, ― ուստի ինքը համոզված է, որ ինչ աղետ էլ իր գլխին գալու լինի ― այլևս չի ավելացնի իր տառապանքը։ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ հապաղի, սինյորա, ասելու քեզ այն, ինչ որ խորհում եմ, եթե իմ ենթադրությունը հաստատվի։ Սակայն ժամանակը դեռ չի հասել, և առայժմ դու կարիք չունես իմանալու այդ բանը։ | ||
+ | |||
+ | ― Ինչպես կհաճեք, ― պատասխանեց Դորոթեան։ ― Ուրեմն՝ ես շարունակում եմ իմ պատմությունը։ Դոն Ֆերնանդոն վերցրեց սրբապատկերը, որ սենյակում էր և դրեց մեր առջև, որպես թե վկա մեր նշանադրության։ Հանդիսավոր հավաստիացումներով և արտասովոր երդումներով նա ինձ խոսք տվեց, որ կդառնա իմ ամուսինը։ Ես չթողի որ նա ավարտի և սկսեցի աղերսել, որ նա միտք անի իր արածի մասին, մի՞թե նրա հայրը չի վրդովվի, երբ որ իմանա, թե իր որդին ամուսնանում է հպատակ գեղջկուհու հետ։ Թող չշլանա իմ գեղեցկությամբ, որովհետև ինչքան էլ գեղեցիկ լինեմ, այդ նրա վարմունքը չի արդարացնի։ Իսկ եթե նա ինձ իրոք որ սիրում է, ապա թող չխանգարի ինձ կապելու իմ բախտը ինձ հավասար մարդու հետ, որովհետև այդքան անհավասար ամուսնությունները երբեք երջանկություն չեն բերում և ուրախությունը, որով նրանք սկսվում են, երկար չի տևում։ Բոլոր այս փաստարկումները և դեռ շատ ուրիշները, որ հիմա չեմ հիշում, ես բերի, սակայն նրանք չհարկադրեցին, որ նա ետ կանգնի իր դիտավորությունից։ Չէ՞ որ մեկը, որ առևտրական պայման է կապում առանց վճարելու մտադրության, այլևս չի հոգում պայմանների մասին։ Իսկ ես այդ վայրկյանին մեջս խորհեցի․ «Ես հո առաջինը չեմ, որ ամուսնության միջոցով ստոր դասից կանցնեմ բարձր, դոն Ֆերնանդոյից առաջ էլ ազնվազարմ սինյորներ են եղել, որ իրենց սիրեցյալների գեղեցկությունից, կամ, ավելի ճիշտ, իրենց իսկ կույր կրքից մղված՝ անհավասար ամուսնության մեջ են մտել։ Եվ քանի որ ես չէ, որ փոփոխում եմ աշխարհս և նրա սովորույթները, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեմ նման պատվից։ Անգամ եթե իր ցանկությունը բավարարելուց հետո նա ինձ դադարի սիրելուց, մի՞թե Աստծու առջև ես նրա ամուսինը չեմ մնա։ Իսկ եթե ես նրան արհամարհանքով մերժելու լինեմ, ապա նա, թերևս, մոռանալով իր պարտքը, բռնության դիմի, և այն ժամանակ ես կմնամ անարգված և չեմ կարողանա արդարանալ, որովհետև ոչ ոք ինձ չի հավատա, որ անմեղ տեղն եմ այդ դրության մեջ ընկել։ Ինչպես ապացուցեմ ծնողներիս և մյուս մարդկանց, որ նա առանց իմ համաձայնության է ներս մտել իմ ննջարանը։ Բոլոր այս հարց ու պատասխանները վայրկյանապես անցան իմ մտքով։ Սակայն ամենից շատ համոզում ու հակում էին դեպի կորուստ (ես այն պահին այդ դեռ չէի ըմբռնում) դոն Ֆերնանդոյի երդումները, հավաստիացումները և առատ արցունքը։ Սիրուն ու սիրալիր կավալերի անկեղծ սիրո նման արտահայտությունները կարող էին նվաճել ում ասես տակավին ազատ և ամոթխած սիրտը։ Ես կանչեցի սպասուհուս, կամենալով մեր միության երկնային վկաներին ավելացնել մի երկրային վկա ևս։ Եվ դոն Ֆերնանդոն նորից սկսեց կրկնել և հաստատել իր երդումը, կոչել նորանոր սրբեր, երեսը թրջել արցունքով և բազմապատկել իր ախ ու վախը։ Եթե նա երբևիցե դավաճանի ինձ, ― ասում էր նա, ― թող նրան խոցի հազար սարսափելի անեծք։ Նա ավելի ամուր սեղմեց ինձ իր գրկում, որից նա ինձ բաց չէր թողնում մեր հանդիպումի սկզբից ևեթ։ Եվ ահա, երբ որ սպասուհին դուրս եկավ սենյակից, ես կորցրի պատիվս, և նա կատարեց նենգությունն ու դավաճանությունը։ | ||
+ | |||
+ | Իմ դժբախտության գիշերին հաջորդող օրը այնքան էլ շուտ չբացվեց, ինչպես, կարծես թե կկամենար դոն Ֆերնանդոն։ Չէ՞ որ տղամարդը, բավարարելով իր մարմնասիրական կիրքը, հենց այն է խորհում, թե ինչպես շուտ դուրս պրծնի այն տեղից, որտեղ նա բավարարություն գտավ։ Ես այդ նրա համար եմ ասում, որ դոն Ֆերնանդոն մեծ փութկոտությամբ անջատվեց ինձնից այն իսկ սպասուհու օգնությամբ, որ նրան ներս էր բերել իմ սենյակը և փողոց դուրս եկավ դեռ լույսը չծագած։ Հրաժեշտ տալով՝ նա ինձ ասաց, ― բայց արդեն ոչ առաջվա ջերմությամբ ու թափով, ― որ ես կասկած չտածեմ նրա հավատարմության նկատմամբ և որ նրա երդումները ամուր ու արդար են։ Եվ, ի հաստատումն իր խոսքերի, նա հանեց իր մատից թանկագին մի մատանի և դրեց իմ մատին։ Ահա նա գնաց, իսկ ես մնացի՝ ո՛չ տխուր, ո՛չ ուրախ։ Ավելի շուտ, ես շփոթված ու մտազբաղ էի, միանգամայն մոլորված այն ամենից, որ պատահեց ինձ։ Ես սիրտ չարի կամ, գուցե, ես պարզապես մոռացա կշտամբել սպասուհուս իր դավաճանության համար։ Չէ՞ որ ես ինքս էլ դեռ չգիտեի՝ լա՞վ էր արել նա, թե՞ վատ, թաքուն իմ սենյակը ներս բերելով դոն Ֆերնանդոյին։ Նրա գնալու միջոցին ես իրեն ասացի, որ նա նույն ճամփով կարող է ամեն գիշեր գալ մոտս, քանի որ հիմա ես պատկանում եմ նրան և որ այդ կտևի այնքան ժամանակ, մինչև որ նա կամենա ամենքին հայտարարել մեր միության մասին։ Հետևյալ գիշերը նա եկավ, բայց դրանից հետո այլևս չերևաց։ Անցավ ամբողջ մի ամիս, իսկ ես նրան չէի տեսել ոչ փողոցում, ոչ եկեղեցում և զուր էի փորձում տեսակցել նրա հետ։ Մինչդեռ ես գիտեի, որ նա ապրում է միևնույն քաղաքում և օրերով որս է անում, ― դա իր սիրած զբաղմունքն է։ | ||
+ | |||
+ | Դառն ու տխուր էին, հիշում եմ, այդ օրերն ու ժամերը։ Հոգուս մեջ ներս սողաց մի կասկած, և խախտվեց հավատս դոն Ֆերնանդոյի նկատմամբ։ Այն էլ եմ հիշում, որ այն պահին սպասուհիս լսեց իմ հանդիմանությունն իր հանդգնության համար, որ առաջ չէր լսել։ Եվ ես հարկադրվեցի արցունքիս հաշիվը պահել և դեմքիս ուրախ արտահայտություն տալ, որպեսզի ծնողներս հարցնելու չլինեն, թե ինչն է ինձ վիշտ պատճառում և հարկադրելու չլինեն ինձ հերյուրանքի դիմելու։ Սակայն վրա հասավ օրը, երբ այդ ամենը միանգամից վերջացավ, երբ որ իմ հարգանքը ոտնակոխ եղավ և մոռացության տրվեցին ազնիվ խոհերս, երբ որ համբերությունս հատավ և ամենքի առջև բացվեցին իմ գաղտնի մտքերը։ Այդ նրանից եղավ, որ շուտով մեր կողմերում լուր տարածվեց, որ դոն Ֆերնանդոն հարևան քաղաքում ամուսնացել է ամենաարտասովոր գեղեցկության տեր և շատ ազնիվ տոհմի մի աղջկա հետ, թեև, ճիշտ է, ոչ այնքան էլ հարուստ, որ, իր օժիտին նայած, աղջիկը կարող լիներ այդքան բարձր միություն ակնկալել։ Ասում էին, թե նրա անունը Լյուսինդա է և որ նրա նշանադրությունը դոն Ֆերնանդոյի հետ առանց զարմանալի անցք ու դեպքերի չի գլուխ եկել։ | ||
+ | |||
+ | Լյուսինդայի անունը լսելով, Կարդենիոն դողաց, շրթունքը կծեց, հոնքերը կիտեց և նրա աչքերից թափվեցին հորդ արցունքներ։ Իսկ Դորոթեան, այնուհանդերձ, շարունակեց իր պատմությունը։ | ||
+ | |||
+ | Այդ տխուր լուրը հասավ իմ ականջին, և իմ սիրտը սառույց չկտրեց, ընդհակառակը՝ այնպիսի կատաղությամբ ու ցասումով վառվեց, որ քիչ էր մնացել ես դուրս վազեմ փողոց, գոռամ֊գոչեմ դավադրության ու դավաճանության մասին, որոնց զոհն էի դառել ես։ Սակայն ես առժամանակ զսպեցի վրդովմունքս և վճռեցի նույն գիշերը անել այն, ինչ որ արեցի էլ։ Հագա այս շորերը, որ ինձ տվեց հորս կալվածում աշխատող հովիվը։ Ես պատմեցի նրան իմ դժբախտության մասին և խնդրեցի ինձ ուղեկցել մինչև այն քաղաքը, ուր ապրում էր իմ թշնամին։ Նա կշտամբեց ինձ իմ անխոհեմության համար և հավանություն չտվեց իմ վճռին, սակայն տեսնելով, որ ես համառում եմ, առաջարկեց ուղեկցել ինձ, ինչպես ինքն էր ասում, թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Ես անմիջապես մի կտավե շորի մեջ փաթաթեցի հագուստներիցս մեկը, պատեհ առիթի համար վերցրի մի քիչ փող ու թանկարժեք իրեր և նույն գիշերը թաքուն, առանց զգուշացնելու իմ մատնիչ֊սպասուհուն, թողեցի տունը և հովվի ուղեկցությամբ ու անհանգիստ մտքերով մեկնեցի ոտով քաղաք։ Ես մտադիր չէի խանգարել արդեն եղածը, ո՛չ, ես ցանկություն ունեի հարցնել դոն Ֆերնանդոյին՝ ինչպե՞ս նա կարողացավ անել այն, ինչ արել էր։ | ||
+ | |||
+ | Երկուս ու կես օրից ես հասա քաղաքը և մտա թե չէ, հարցրի՝ որտե՞ղ է Լյուսինդայի ծնողների տունը։ Առաջին իսկ մարդը, որին դիմեցի, հաղորդեց ինձ ավելին, քան թե ես կկամենայի լսել։ Նա մատնանիշ արեց Լյուսինդայի տունը և պատմեց, թե ինչ է պատահել նշանադրության միջոցին (որովհետև այդ դեպքի լուրը այնպես էր տարածվել, որ ողջ քաղաքում նրա մասին ասեկոսներ էին պտտում)։ Ահա թե ինչ էր պատահել։ Այն երեկոյան, երբ դոն Ֆերնանդոն նշանվեց Լյուսինդայի հետ և նրա հարցին, ուզում է արդյոք Լյուսինդան իր կինը լինել, Լյուսինդան պատասխանեց «այո՛», աղջիկը հանկարծ ուշագնաց եղավ, և երբ որ փեսացուն նրա շնչառությունը դյուրացնելու համար արձակեց կրծքի կոճակները, գտավ մի տոմս, որ գրված էր հարսնացուի սեփական ձեռքով։ Նրա մեջ ասված էր, թե Լյուսինդան չի կարող դոն Ֆերնանդոյի կինը դառնալ, որովհետև արդեն նշանված է Կարդենիոյի հետ (պատմողի ասելով Կարդենիոն շատ ազնվական կաբակյերո է եղել, նույն քաղաքից) և որ ինքը պատասխանել է «այո՛» միմիայն այն պատճառով, որ չի հանդգնել չանսալ իր ծնողներին։ Վերջ ի վերջո, նրա ասելով, տոմսից պարզ էր, որ Լյուսինդան մտադիր է եղել նշանադրությունից հետո ինքնասպան լինել և բացատրում էր, թե ինչու է վճռել լքելու կյանքը։ Դաշույնը, ինչպես ասում են, որ գտնվել է նրա զգեստում, հաստատել է նրա դիտավորությունը։ Այդ ամենը տեսնելով, դոն Ֆերնանդոն որոշում է, որ Լյուսինդան ծաղրել է իրեն, խայտառակել և ստորացրել և, նախքան աղջիկը կսթափվեր, հարձակվում է հարսնացուի դաշույնը ձեռքին՝ կամենալով նրան սպանել ― մի բան, որ նա կաներ էլ, եթե ծնողներն ու ներկա գտնվողները չխանգարեին։ Ապա ինձ պատմեցին, թե դոն Ֆերնանդոն իսկույն հեռացավ քաղաքից, իսկ Լյուսինդան միայն հետևյալ օրը ուշքի եկավ և խոստովանեց ծնողներին, որ, իրոք, այդ Կարդենիոյի կինն է։ Ես նույնպես իմացա, որ Կարդենիոն ներկա է եղել ծիսակատարության և տեսնելով, որ Լյուսինդան նշանվել է ուրիշի հետ ― իսկ այդ նրան թվում էր հրեշավոր բան, ― հուսահատ փախավ քաղաքից, գրելով աղջկան նամակ, որով կշտամբում էր իրեն հասցրած վիրավորանքի համար և հայտարարում, թե ընդմիշտ հեռանում է մարդկանց աչքերից։ Այդ ամենը հայտնի էր ողջ քաղաքին։ Ամենքը միայն դրանից էին խոսում, բայց ավելի շատ սկսեցին խոսել, երբ որ բացվեց, թե Լյուսինդան անհայտացել է ծնողական տնից և թե ոչ մի տեղ նրան գտնել չեն կարողանում։ Նրա ծնողները բոլորովին կորցրել են իրենց գլուխը և չգիտեն, թե ինչպես գտնեն նրան։ | ||
+ | |||
+ | Բոլոր այս լուրերը ինձ հույս ներշնչեցին։ Ճիշտ է, ես դոն Ֆերնանդոյին չգտա, սակայն այսպես ավելի լավ էր, քան եթե ես նրան գտնեի ամուսնացած։ Քանի որ նա ամուսնացած չէր, խորհում էի ես, իմ փրկության դուռը դեռևս փակ չէ։ Ես ասում էի ինքս ինձ՝ ինքը երկինքը խանգարել է նրա երկրորդ ամուսնությունը նրա համար, որպեսզի նա զգա իր պարտավորությունները առաջինի նկատմամբ և մտաբերի վերջապես, որ ինքը քրիստոնյա է, և որ հոգու փրկությունը բոլոր մարդկային հաշիվներից վեր է։ Այդ ամենը ես միտք էի անում, միտք և, անմխիթարս, մխիթարվում՝ հնարելով հեռավոր, սակայն թույլ հույս, միայն թե կարողանայի պահպանել ատելի կյանքս։ Ես չէի գտնում դոն Ֆերնանդոյին և ապրում էի քաղաքում, առանց իմանալու, թե ինչ ձեռնարկեմ։ Մեկ էլ հանկարծ լսեցի հրապարակային մունետիկի ձայնը, որ պարգև էր հայտարարում նրան, ով որ ինձ գտնի և հաղորդում էր իմ նշանները ― հասակս և հանդերձս։ Լուր էր պտտում, թե ինձ փախցրել է ծառան, որ հետո հեռացել էր տնից։ Վերջին լուրը առանձնապես զարմացրեց ինձ, որովհետև ես տեսա, թե իմ բարի անունը կործանվեց և որ իմ փախուստի խայտառակությունը կապում են ստոր և իմ սիրուն անարժան մի մարդու հետ։ Հենց որ ես լսեցի մունետիկին, ես ծառայիս հետ հեռացա քաղաքից և այդ միջոցին սկսեցի նկատել, որ նրա մեջ տատանվում են հավատարմությունն ու անձնվիրությունը, որոնց մեջ նա երդվում էր ինձ։ Գիշերով մենք հասանք այս լեռների խորքերը, զգուշանալով, որ մեզ վրա չհասնեն։ Սակայն ինչպես ասում են, մեկ դժբախտությունը կանչում է մյուսին և մեկ աղետի վերջավորությունը մյուսի՝ դառնագույնի սկիզբն է։ Այդպես էլ ինձ հետ եղավ։ Իմ մինչ այդ հավատարիմ և վստահելի ծառան, մղված ոչ այնքան իմ գեղեցկությունից, որքան իր սեփական ստորությունից, կամեցավ օգտվել առիթից, որ նրան տալիս էր այս վայրերի ամայությունը։ Հենց որ մենք այս լեռներում մնացինք երկուսով՝ մոռանալով ամոթը, Աստծու ահը, հարգանքը դեպի ինձ, նա սկսեց ձգտել իմ սիրուն։ Եվ, երբ որ ես կտրուկ ու արդարացի խոսքերով պատասխանեցի նրա անամոթ առաջարկներին, նա թողեց աղերսանքը, որով սկզբում հույս ուներ շարժել իմ սիրտը և դիմեց բռնության։ Սակայն արդար երկինքը, որ գրեթե միշտ բարեհայաց է նայում բարի դիտավորությունների վրա, ինձ օգնեց։ Իմ թույլ ձեռներով ես առանց դժվարության ցած գլորեցի նրան անդունդը և չգիտեմ կենդանի մնաց նա, թե՞ ջարդվեց։ Ապա թե աշխուժորեն, չնայած երկյուղիս ու հոգնածությանս, գնացի լեռներն ի վեր մի հատիկ մտքով և մեկ բաղձանքով՝ թաքնվել հորիցս և ետևիցս ընկած մարդկանցից։ | ||
+ | |||
+ | Չգիտեմ՝ քանի ամիս արդյոք անց կացրի ես լեռներում։ Այստեղ ես հանդիպեցի մի հովվի, որ ապրում էր ամենաամայի կիրճերից մեկում։ Նա ինձ իր մոտ առավ աշխատանքի և ամբողջ այս ժամանակը ես ծառայեցի որպես հովվի օգնական, աշխատելով ամբողջ ցերեկը բաց երկնքի տակ անց կացնել, որպեսզի կարողանամ ծածկել մազերս, որ հիմա այնպես անսպասելի մատնեցին ինձ։ Սակայն բոլոր իմ աշխատանքն ու ուժերիս լարումը ապարդյուն անցան, որովհետև տերս վերջապես իմացավ, որ ես տղամարդ չեմ և նրա սրտում ծագեցին նույն վատ մտքերը, ինչ որ իմ ծառայի մեջ։ Այնինչ բախտը միշտ էլ ցավի հետ դարման չի ուղարկում, և այս անգամ ես չկարողացա նրան նետել անդունդը, ինչպես արի իմ ծառային, որ նա, չափելով նրա խորությունը, մեղմացներ իր կրքի կրակը։ Ուստի ես նախընտրեցի փախչել և նորից թաքնվել այս ժայռերի մեջ՝ առանց փորձելու խոսքերով կամ ուժով պաշտպանվելու։ Եվ ահա այդ պահից ես թափառում եմ լեռներում և որոնում մի տեղ, որտեղ կարողանայի անարգել գանգատվել երկնքին իմ դառը բախտից և նրանից հնար ու միջոց խնդրել կա՛մ թեթևացնելու վիճակս, կա՛մ թե միանգամայն հրաժեշտ տալ կյանքիս այս անապատում, այնպես որ անգամ հիշատակը չմնա թշվառիս մասին, որ անմեղ տեղը արժանացել է, որպեսզի վրան խոսեն ու փսփսան իր հայրենի հողում և օտար երկրներում։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXIX== | ||
+ | |||
+ | Որ զրուցում է սրամիտ խորամանկության և եղանակի մասին, որոնց միջոցով մեր սիրահարված կաբալյերոն ազատվեց ինքն իր վրա դրած խիստ ապաշխարանքից | ||
+ | |||
+ | |||
+ | Ահա, սինյորներ, իմ ողբերգության ճշմարտապատում պատմությունը։ Վճռեցեք և դատեցեք ինքներդ՝ ունե՞մ բավականաչափ պատճառներ, որպեսզի իմ ախ ու վախը, որ դուք լսեցիք, խոսքերս, որոնց անսացիք և արցունքս, որ թափվում էին իմ աչքերից, ― ավելի ևս առատ լինեն։ Եվ, խորհելով իմ ցավի բնույթի մասին, դուք կտեսնեք, որ այստեղ ապարդյուն են խորհուրդները, որովհետև բուժումն անհնար է։ Մեկ բան եմ խնդրում ձեզնից (և դուք հեշտությամբ կարող եք և պետք է որ կատարեք), ― խորհուրդ տվեք, թե ո՞ւր հեռանամ, որ ինձ չհետապնդեն ահ ու սարսափը, թե ինձ վրա կհասնեն նրանք, ովքեր ինձ որոնում են։ Որովհետև թեև ես գիտեմ, որ ծնողներս այնքան են սիրում ինձ, որ ես կարող եմ չկասկածել, որ նրանք ինձ ուրախությամբ կընդունեն, սակայն ամոթ է պատում ինձ այն մտքից, որ ես նրանց առջև կհանդիսանամ ոչ այն, ինչ որ նրանք կկամենային, և ես գերադասում եմ ընդմիշտ ծածկվել նրանցից։ Ես ուժ չեմ ունենալու կարդալու նրանց աչքերում, թե նրանք համարում են, որ ես կորցրել եմ պատիվս, որ ես խոստացել եմ պահպանել։ | ||
+ | |||
+ | Այդ ասելուց հետո նա լռեց։ Նրա այտերը շիկնեցին, մի բան, որ պարզապես վկայում էր, թե նրա հոգին դյուրազգաց ու ամոթխած էր։ Իսկ ունկնդիրներն իրենց հոգում զգացին և՛ վիշտ, և՛ զարմանք նրա դժբախտ վիճակի հանդեպ։ Քահանան կամեցավ նրան մխիթարել և հանգստացնել, բայց Կարդենիոն առաջինը խոսեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն, սինյորա, դուք չքնաղ Դորոթե՞ան եք, հարուստ Կլենարդոյի միակ դուստրը։ | ||
+ | |||
+ | Դորոթեան զարմացավ, լսելով իր հոր անունը և տեսնելով այն արտասանողի խղճուկ հագուստը (մենք արդեն ասել էինք, որ Կարդենիոն շատ աղքատիկ հանդերձ ուներ) հարցրեց․ | ||
+ | |||
+ | ― Իսկ ո՞վ եք դուք, եղբայր, և որտեղի՞ց գիտեք իմ հոր անունը։ Եթե ես չեմ սխալվում, ամբողջ իմ պատմության ընթացքում ես այդ անունը չտվի։ | ||
+ | |||
+ | ― Ես այն դժբախտն եմ, ― պատասխանեց Կարդենիոն, ― որին, ինչպես դուք ասացիք, Լյուսինդան իր ամուսինը կոչեց։ Ես չարաղետ Կարդենիոն եմ։ Ձեզ վիրավորողի ոճրագործությունը ինձ էլ այս օրը գցեց, ինչպես հիմա տեսնում եք՝ պատառոտած հագուստով, գրեթե մերկ, զուրկ մարդկային ցավակցությունից և, որ ամենավատթարն է, զուրկ բանականությունից, ― ավա՜ղ, բացի այն հազվադեպ վայրկյաններից, երբ երկինքը վերադարձնում է ինձ բանականությունս։ Այո՛, Դորոթեա, ես ներկա էի Ֆերնանդոյի երդմնազանցությանը, ես լսեցի, թե ինչպես Լյուսինդան պատասխանեց «այո», խոստացավ նրա կինը դառնալ։ Սակայն իմ ուժը չպատեց մնալու, որ տեսնեմ, թե ինչով է վերջանալու նրա ուշագնացությունը և իմանալու, թե նրա կրծքին գտնված տոմսը ինչ բովանդակություն ունի։ Հոգիս չկարողացավ տանել բախտի այդքան հարվածները, համբերությունս լքեց ինձ, և ես թողի նրա տունը և, հանձնարարելով իմ տիրոջը հանձնել Լյուսինդային իմ նամակը, հեռացա այս խուլ վայրը, որտեղ մտադիր էի վերջ տալու կյանքիս, որ ես այն պահից ի վեր ատեցի որպես ոխերիմ թշնամուս։ Սակայն բախտս չհաճեց խլել նրան և խլեց միայն բանականությունս ― թերևս նրա համար, որ պահպանի ինձ այս երջանիկ հանդիպումի համար ձեզ հետ։ Եթե ձեր խոսքերը ճշմարիտ են, ― իսկ ես հաստատ հավատում եմ, որ այդպես է, ― ապա միգուցե բախտը ավելի լավ վերջավորություն է պատրաստում մեր փորձություններին, քան մենք ենք ենթադրում։ Չէ՞ որ եթե Լյուսինդան, ինչպես ամենքի առջև հայտարարեց, չի կարող մարդու գնալ դոն Ֆերնանդոյին, որովհետև պատկանում է ինձ, իսկ դոն Ֆերնանդոն չի կարող ամուսնանալ Լյուսինդայի հետ, որովհետև նա կապված է ձեզ հետ, ապա չե՞նք կարող մենք արդյոք հուսալ, թե երկինքը մեզ կվերադարձնի այն, ինչ որ մերն է, ― որովհետև մեզ պատկանը դեռևս մերն է և ոչ ոք մեզնից չի խլել և չի զրկել մեզ։ Եվ քանի որ մենք այդպիսի մխիթարություն ունենք, որ հեռավոր հույսի ծնունդ չէ և անմիտ ցնորքների վրա չէ հիմնված, ապա խնդրում եմ, սինյորա, ձեր ազնիվ մտքում ուրիշ վճիռ ընդունեցեք և լավագույն բախտ հուսացեք։ Ես էլ նույնը կանեմ։ Ես ձեզ ազնվականի և քրիստոնյայի խոսք եմ տալիս, որ չեմ լքի ձեզ, մինչև որ դուք դոն Ֆերնանդոյի գրկում չլինեք։ Իսկ եթե ինձ չհաջողվի հորդորներով համոզել նրան կատարելու իր պարտականությունը, ես կօգտագործեմ իմ ազնվական կոչումս և ամենայն իրավամբ կկանչեմ ձեզ վիրավորողին մարտի, արժամապես իր վիրավորանքը մոռացած (որոնց համար թող նրան երկինքը պատժի), այստեղ՝ երկրի վրա, վրեժ լուծեմ ձեզ հասցրած վիրավորանքի համար։ | ||
+ | |||
+ | Որքան ավելի էր խոսում Կարդենիոն, այնքան ավելի էր զարմանում Դորոթեան։ Չիմանալով՝ ինչպես շնորհակալ լինի նրա այնքան մեծահոգի առաջարկների համար, նա ընկավ նրա ոտքերը՝ կամենալով գրկել։ Սակայն Կարդենիոն թույլ չտվեց, իսկ լիցենցիատը պատասխանեց երկուսի փոխարեն։ Հավանություն տալով Կարդենիոյի գեղեցիկ ճառին՝ նա սկսեց թախանձել, համոզել նրանց՝ իրեն հետ միասին իր գյուղը երթալու։ Այնտեղ նրանք ամեն կարևոր ինչ կվերցնեն և ապա կորոշեն, թե ինչպես գտնեն դոն Ֆերնանդոյին, ինչպես վերադարձնեն Դորոթեային իր ծնողներին և ընդհանրապես բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք կառնեն։ Կարդենիոն և Դորոթեան շնորհակալ եղան և ընդունեցին իրենց առաջարկված ծառայությունը։ Դալլաքը, որ կենտրոնացած լուռ էր ամբողջ այս տեսարանի ընթացքում, վերջապես նույնպես խոսեց և նույն պատրաստակամությամբ, ինչպես և քահանան, առաջարկեց ամեն տեսակ օգնություն իր կողմից։ Դրա հետ միասին նա պատմեց, թե ինչն է իրեն այս վայրերը բերողը, հաղորդեց դոն Կիխոտի արտասովոր խելագարության մասին և որ իրենք սպասում են նրա զինակրի գալստյան, որ գնացել է իր տիրոջը որոնելու։ Այստեղ Կարդենիոն երազի պես մտաբերեց իր կռիվը դոն Կիխոտի հետ և պատմեց ներկա եղողներին։ Նա միայն չկարողացավ կռվի պատճառը բացատրել։ Այդ վայրկյանին նրանք առան Սանչո Պանսայի ձայնը, որը, չգտնելով նրանց այնտեղ, որտեղ թողել էր, բարձրաձայն աղաղակում էր։ Նրանք գնացին նրան ընդառաջ և նրանց հարցին դոն Կիխոտի մասին Սանչո Պանսան պատասխանեց, թե գտել է նրան մերկ, մեկ շապիկ հագին, թույլ, դեղնած, սովամահ վիճակում իր տիրուհի Դուլսինեայից հառաչելիս։ Երբ որ Սանչոն նրան հայտնեց, թե իրեն Դուլսինեան է ուղարկել հրամանով, որ թողնի այդ վայրերը և գնա Տոբոսո, որտեղ ինքը սպասում է, դոն Կիխոտը պատասխանեց, թե վճռել է նրա չքնաղագեղ աչքերին չերևալ նախքան կատարած չի լինի սխրագործություններ, որ արժանի լինեն ողորմածության։ Եթե այդպես շարունակվի, ― ավելացրեց Սանչո Պանսան, ― ապա դոն Կիխոտին վտանգ է սպառնում ոչ միայն կայսր չդառնալ, մի բան, որ նա մտադիր է դառնալ, այլ անգամ, վատթարագույն դեպքում արքեպիսկոպոս։ Ուստի չափազանց անհրաժեշտ է որևէ միջոց գտնել նրան այնտեղից հանելու։ | ||
+ | |||
+ | Լիցենցիատը դրան պատասխանեց, թե նա կարող է անհոգ լինել, թե իրենք նրան այնտեղից դուրս կբերեն, անգամ հակառակ նրա կամքին։ Եվ նա իսկույն պատմեց Կարդենիոյին և Դորոթեային, թե իրենք ինչ են հնարել դոն Կիխոտին դուրս բերելու նպատակով կամ, առնվազն, տուն վերադարձնելու համար։ Ապա թե Դորոթեան հայտարարեց, որ ինքը դալլաքից առավել լավ կարող է ներկայացնել վիրավորված աղջիկ, և դա ավելի ճշմարտանման դուրս կգա, որովհետև ինքը կնոջ հանդեձ ունի։ Թող որ միայն իրեն այդ դերը հանձնեն, ինքն արդեն կարող կլինի խաղալ, որովհետև շատ ասպետական վեպեր է կարդացել և գիտե, թե ինչ լեզվով են խոսում զրկված աղջիկները՝ խնդրելով թափառական ասպետների պաշտպանությունը։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ― ասաց քահանան, ― այլևս մնում է գործի անցնել։ Բախտը պարզապես նպաստում է մեզ, որովհետև ձեզ երկուսիդ համար բաց անելով փրկության դուռը, միաժամանակ օգնություն է հասցնում նաև մեր կարիքին։ | ||
+ | |||
+ | Դորոթեան իսկույն կապոցից հանեց նուրբ ու թանկագին կտորից կարած զգեստ և վերնարկ՝ գեղեցիկ կանաչագույն կերպասից, իսկ տուփից՝ մանյակ և այլ թանկագին իրեր և վայրկենապես զուգվեց՝ որպես հարուստ և ազնվազարմ տիկին։ Այդ իրեղենները և մի քանի այլ բաներ նա վերցրած է եղել հետը տնից համենայն դեպս, սակայն մինչ այդ առիթ չէր ներկայացել։ Բոլորին չափազանց դուր եկավ նրա նրբությունն ու հրապույրը, և բոլորը հայտարարեցին, որ դոն Ֆերնանդոն վատ ճաշակի տեր մարդ է, քանի որ կարողացել է լքել նման գեղեցկություն։ Առանձնապես հիացած էր նրանով Սանչո Պանսան, որովհետև նա իր օրում դեռ չէր տեսել այդպիսի չքնաղ արարած։ Ուստի մեծ ավյունով ու հետաքրքրությամբ սկսեց քահանայից հարց ու փորձ անել, թե ով է այդ չքնաղ տիկինը և ինչ է որոնում նա այս խուլ վայրերում։ | ||
+ | |||
+ | ― Այս չքնաղ տիկինը, Սանչո, եղբայր, ― պատասխաանեց քահանան, ― ոչ այլ ոք է, քան եթե իշխանուհի֊ժառանգը Միկոմիկոն մեծ թագավորության, հոր կողմից ուղիղ գծով, իսկ ձեր տիրոջն է որոնում, որպեսզի նրա ողորմածությունը խնդրած լինի։ Նա պետք է խնդրի պաշտպանել իրեն չար հսկայից, որը իրեն վնաս ու վիրավորանք է հասցրել։ Նրան հասել է բարի ասպետի համբավը, ձեր տիրոջ համբավը և նա Գվինեայից եկել է, որ նրան տեսնի։ | ||
+ | |||
+ | ― Երջանիկ որոնում ու երջանիկ գյուտ, ― ասաց դրան Սանչո Պանսան, ― իսկ ավելի լավ դուրս կգա, եթե իմ տիրոջը հաջողվի վիրավորանքի վրեժը լուծել և արմատախիլ անել չարիքը, սպանելով զազիր հսկային, որի մասին ասաց ձերդ ողորմածությունը։ Իմ տերն անշուշտ, նրան կսպանի, հենց որ հանդիպի նրան, եթե, ասենք, դա ուրվական չէ, որովհետև ուրվականների վրա նա ոչ մի իշխանություն չունի։ Սակայն մեկ բան եմ ուզում խնդրել ձերդ ողորմածությունից, սինյոր լիցենցիատ՝ ես շատ եմ վախենում, որ իմ տիրոջ խելքին փչի արքեպիսկոպոս դառնալ, ուստի, ձերդ ողորմածություն, խորհուրդ տվեք նրան, որ իսկույն ևեթ ամուսնանա այս իշխանուհու հետ։ Այն ժամանակ ոչ ոք այլևս չի կարողանա նրան արքեպիսկոպոս ձեռնադրել և նա դյուրությամբ իր համար թագավորություն կնվաճի, իսկ այն ժամանակ բոլոր իմ ցանկությունները կկատարվեն։ Ես ամեն ինչ արդեն խորհել եմ և վճռել, որ ինձ համար շատ անհարմար կլինի, եթե իմ տերը արքեպիսկոպոս դառնա, որովհետև եկեղեցու համար ես անօգուտ մարդ եմ։ Չէ՞ որ ես ամուսնացած եմ, ունեմ կին ու երեխաներ և եթե ես հիմա խնդիր հարուցանեի ամուսնությանս լուծման համար, որպեսզի որևէ եկեղեցական սինեկուրա ստանամ, գործը անվերջ կձգձգվի։ Կնշանակի, սինյոր, կարևորն այն է, որ իմ տերը շուտով ամուսնանա այս սինյորայի հետ, ― ես դեռ նրա ողորմածության անունը չգիտեմ, ուստի և իր անունը չեմ տալիս։ | ||
+ | |||
+ | ― Նրա անունը, ― պատասխանեց քահանան, ― իշխանուհի Միկոմիկոնա է, որովհետև քանի որ նրա թագավորությունը Միկոմիկոն է կոչվում, ապա պարզ է, որ ինքն էլ այդպես պիտի կոչվի։ | ||
+ | |||
+ | ― Անտարակույս, ― ասաց Սանչոն։ ― Ես շատերին եմ պատահել, որ իրենց անուն֊ազգանունը իրենց ծննդավայրի անունն են դրել, օրինակ՝ Պեդրո դե Ալկալա՛, Խուան դե Ո՛ւբեդա, Դիեգո դե Վալյադոլի՛դ և երևի, այնտեղ՝ Գվինեայում էլ այդպիսի սովորույթ կա՝ թագուհիները կոչվում են իրենց թագավորության անունով։ | ||
+ | |||
+ | ― Անշուշտ այդպես է, ― ասաց քահանան։ ― Գալով ձեր տիրոջ ամուսնության, ես ձեռիցս եկածը կանեմ։ | ||
+ | |||
+ | Սանչոն նույնչափ բավարարված էր, որչափ քահանան հիացած էր նրա պարզամտությունից՝ տեսնելով, որ նրա երևակայությունն էլ է լիքը նույնպիսի ցնդաբանություններով, ինչպես և իր տիրոջինը, որ, անտարակույս, հաստատ հավատացած էր, թե կայսր է դառնալու։ | ||
+ | |||
+ | Մինչ այս, մինչ այն, Դորոթեան նստեց քահանայի ջորու վրա, դալլաքը կպցրեց ծնոտին եզան պոչից շինած մորուքը և նրանք խնդրեցին Սանչոյից, որ իրենց ճանապարհ գցի այնտեղ, որտեղ գտնվում է դոն Կիխոտը, պատվիրելով, որ չասի տիրոջը, թե ճանաչում է լիցենցիատին ու դալլաքին։ Իբրև թե, այդ դեպքում միայն նրա տերը կարող է կայսր դառնալ։ Քահանան ու Կարդենիոն որոշեցին չմիանալ նրանց, Կարդենիոն զգուշանալով, թե միգուցե դոն Կիխոտը մտաբերի իրենց միջև եղած կռիվը, իսկ քահանան, որովհետև առայժմ ավելորդ էր համարում։ Քահանան ու Կարդենիոն նրանց ճանապարհ դրին, իսկ իրենք էլ նրանց ետևից, որոշ հեռավորության վրա, հետևեցին ոտով։ Քահանան շարունակում էր խրատել Դորոթեային, թե ինչ պիտի անի, սակայն Դորոթեան խնդրեց, որ նա անհանգիստ չլինի, խոստանալով ճիշտ այնպես վարվել, ինչպես պահանջում ու նկարագրում են ասպետական վեպերը։ Հազիվ երեք քառորդ մղոն անցած լինեին նրանք, որ ժայռերի լաբիրինթոսում տեսան մեր ասպետին, արդեն շորերը հագին, բայց դեռևս չսպառազինված։ Հենց որ Դորոթեան նկատեց նրան և Սանչոյից տեղեկացավ, որ հենց դոն Կիխոտն է, որ կա, ճիպոտով խփեց իր ջորուն։ Միրուքավոր դալլաքը նրանից ետ չէր մնում։ Երբ որ նրանք հասան դոն Կիխոտին, զինակիրը վայր թռավ ջորուց և մոտեցավ Դորոթեային, որ նրան ձեռքերով բռնի, բայց նա ինքը ճարպկորեն վայր թռավ ջորուց և իսկույն ծունկ չոքեց դոն Կիխոտի առջև։ Թեև ասպետը փորձում էր նրան բարձրացնել, բայց նա առանց վեր կենալու, սկսեց խոսել այսպես․ | ||
+ | |||
+ | ― Ես վեր չեմ կենա, ո՜ քաջ ու հզոր ասպետ, մինչև որ ձեր բարությունն ու սիրալիրությունը չերջանկացնեն ինձ շնորհով, որ ձեր անձին փառք ու պատիվ կբերի, իսկ ինձ, աշխարհիս ամենաանմխիթար և անարգված կույսիս՝ մեծ օգուտ։ Եվ եթե ձեր հզոր բազկի առաքինությունը համապատասխանում է ձեր անմահ փառքի ձայնին, ապա դուք պարտավոր եք օգնելու զրկվածիս, որ հեռավոր երկրներից եկել եմ, մղված ձեր հռչակավոր անվան փայլից, խնդրելու ձեզնից իմ ցավերիս բուժում։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի խոսքով չեմ պատասխանի ձեզ, չքնաղ սինյորա, ― ասաց դոն Կիխոտը, ― և չեմ էլ լսի ձեր դժբախտությունների մասին, մինչև որ դուք վեր չկենաք։ | ||
+ | |||
+ | ― Եվ վեր չեմ կենա, սինյոր, ― պատասխանեց վշտացած աղջիկը, ― եթե ձեր վեհանձնությունը չխոստանա ինձ խնդրածս շնորհել։ | ||
+ | |||
+ | ― Տալիս եմ և խոստանում, ― ասաց դոն Կիխոտը, ― եթե միայն այդ վնաս տալու չլինի իմ թագավորին, ոչ էլ իմ հայրենիքին և ոչ նրան, ով որ իմ սրտի բանալիքի և ազատությանս տերն է։ | ||
+ | |||
+ | ― Այդ նրանց վնաս չի տա, ― պատասխանեց դժբախտ աղջիկը։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին մոտեցավ Սանչո Պանսան և դոն Կիխոտի ականջին շշնջաց․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունը լիովին կարող է խոստանալ այդ շնորհը, որովհետև դա մի չնչին բան է, պետք է ինչ որ հսկա սպանել։ Իսկ այդ խնդրող աղջիկը ազնիվ իշխանուհի Միկոմիկոնան է՝ Եթովպիայի և Միկոմիկոնի մեծ թագավորության թագուհին։ | ||
+ | |||
+ | ― Ով էլ որ լինում է՝ լինի, ― ասաց դոն Կիխոտը, ― ես կանեմ այն, ինչ որ հրամայում է իմ պարտականությունը և թելադրում իմ խիղճը՝ համաձայն իմ ասպետական ուխտի օրենքներին։ | ||
+ | |||
+ | Եվ, դառնալով աղջկան, ավելացրեց․ | ||
+ | |||
+ | ― Վե՛ր կացեք, չքնաղ սինյորա, ես խոստանում եմ շնորհը, որ դուք ինձնից բարեհաճում եք խնդրել։ | ||
+ | |||
+ | ― Ես խնդրում եմ ձեզնից, մեծահոգի ասպետ, ― ասաց աղջիկը, ― որ ձերդ ողորմածությունը իսկույն ևեթ ուղևորվի ինձ հետ այնտեղ, որտեղ ես ձեզ կտանեմ և որ դուք ինձ խոստանաք ոչ մի ձեռնարկ ու արկած չընձեռնեք, մինչև որ չլուծեք վրեժը դավաճանից, որ զավթել է իմ թագավորությունը՝ հակառակ աստվածային և մարդկային բոլոր օրենքներին։ | ||
+ | |||
+ | ― Կրկնում եմ, որ խոստանում եմ ձեզ այդ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի, սինյորա, դուք հիմիկվանից կարող եք ձեզ ճնշող թախիծը թոթափել և վերադարձնել ուժ ու ամրություն ձեր թուլացած հույսերին։ Որովհետև Աստծո օգնությամբ և իմ սրի միջոցով դուք շուտով կտեսնեք ձեզ ձեր թագավորության մեջ, ձեր հին ու մեծ պետության գահի վրա, դավաճանների ջիգրու և ի ցավ նրանց, որ խիզախել են վեճի առարկա դարձնել։ Ուրեմն շուտով ի գործ, որովհետև, ինչպես ասում են, հապաղումը վտանգ է բերում։ | ||
+ | |||
+ | Վիրավորված աղջիկը համառորեն փորձում էր համբուրել դոն Կիխոտի ձեռքը, սակայն վերջինս, ամեն կողմից քաղաքավարի և պարկեշտ կավալեր լինելով, թույլ չտվեց այդ։ Ընդհակառակը, նա բարձրացրեց աղջկան և մեծ քաղաքավարությամբ ու պարկեշտությամբ գրկեց նրան, ապա հրամայեց, որ Սանչոն ամրացնի Ռոսինանտի փորկապները և անհապաղ բերի իր բոլոր զենք ու զրահը։ Սանչոն վերցրեց ծառի վրա ավարի պես կախ արած զրահները և, ձիու փորկապներն ամրացնելով, վայրկենապես սպառազինեց իր տիրոջը։ Վերջինս զինվելուց հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դե գնանք, հանուն Աստծո, այս բարձր սինյորային ի պաշտպանություն։ | ||
+ | |||
+ | Դալլաքը դեռ մնացել էր չոքած, ամեն կերպ աշխատելով զսպել ծիծաղը և ձեռքով պահելով միրուքը, ― որովհետև եթե միրուքը վայր ընկնելու լիներ, հնարավոր է, որ նրանց բոլոր ծրագիրները խորտակվեին։ Իսկ երբ որ նա տեսավ, որ խնդրված շնորհը խոստացված է և դոն Կիխոտը տաք֊տաք շտապում է գործի անցնել, նա վեր կացավ և բռնելով իր տիրուհու մյուս ձեռքից, դոն Կիխոտի հետ միասին օգնեց, որ նստի ջորու վրա։ Ապա մեր ասպետը թռավ Ռոսինանտի վրա, իսկ դալլաքը հեծավ իր ջորին։ Մենակ Սանչոն մնաց առանց գրաստի և դարձյալ մտաբերեց իր գորշ էշի կորուստը, որ հիմա այնքան պակասում էր։ Սակայն նա հեշտությամբ հաշտվեց, որովհետև նրան թվում էր, որ իր տերը լավ ճանապարհի վրա էր և ուր որ է կայսր է դառնալու։ Նա բնավ չէր կասկածում, որ դոն Կիխոտը կամուսնանա իշխանուհու հետ և կդառնա առնվազն Միկոմիկոնի թագավորը։ Նրան միայն այն էր ցավ պատճառում, որ այդ թագավորությունը նեգրերի աշխարհում է գտնվում և որ իր տիրոջ բոլոր ապագա հպատակները սևամորթ են լինելու։ Ասենք, այստեղ էլ նրա երևակայությունը ելք հուշեց։ «Ի՞նչ վատ բան կլինի որ, ― դատում էր նա ինքն իրեն, ― իմ հպատակները նեգրեր լինեն։ Կասես թե դժվար մի բան է նրանց բառնալ նավերն ու Իսպանիա տանել։ Այստեղ ես կարող եմ նրանց վաճառել, ինձ նաղդ փող կվճարեն, իսկ գոյացած գումարով ես որևէ տիտղոս կամ պաշտոն կգնեմ և անկարիք կապրեմ կյանքիս մնացորդը։ Խելք ու շնորհք հո ունեմ, նման առիթ ձեռիցս չգցեմ։ Երեսուն կամ տասը հազար հպատակ ծախելը ի՞նչ մի մեծ բան է ո՜ր։ Աստված վկա, ես ձեռաց կսաղացնեմ, մեծ ու փոքր միասին, և շատ էլ նեգրեր են ― ես նրանց սպիտակ ու դեղին կդարձնեմ։<ref>Այսինքն՝ «կդարձնեմ սպիտակ ու դեղին դրամներ»։</ref> Հիմարի մեկին հո չե՞ն ռաստ եկել»։ Եվ նա այնքան հուզված ու ուրախացած էր այդ խոհերից, որ ոտով գնալու անախորժությունը մոռանում էր։ | ||
+ | |||
+ | Քահանան և Կարդենիոն դիտում էին բոլոր իրադարձությունները մացառների արանքից, գլուխ ջարդելով, թե ինչ հնարեն, որ միանան նրանց։ Վերջապես քահանան, սաստիկ խորամանկ լինելով, հնարը գտավ։ Մոտը եղած տուփից մկրատը հանեց և ձեռաց Կարդենիոյի միրուքը խուզեց, ապա գցեց նրա վրա իր գորշ վերնարկը և կոճակներով կոճկվող սև օձիքը, իսկ ինքը մնաց միայն կապան ու վարտիքը հագին։ Կարդենիոն այնպես կերպարանափոխվեց, որ եթե հայելու մեջ նայելու լիներ, ինքն իրեն չէր ճանաչի։ Մինչև որ նրանք շորեր էին փոխում, ձիավորները նրանց առաջը տվին, բայց նրանց հաջողվեց ավելի շուտ բանուկ ճանապարհը ելնել, որովհետև ժայռերն ու մացառուտները այդ վայրերում թույլ չէին տալիս ձիավորներին նույնքան արագ շարժվելու, որքան ոտով գնացողներին։ Այսպիսով նրանք կիրճերից դուրս եկան և առաջ գնացին հարթավայրով, իսկ երբ որ հեռվից երևան եկան դոն Կիխոտն ու նրա ուղեկիցները, քահանան սկսեց նրանց զննել հայացքով, նշաններով ցույց տալով, թե նա ճանաչում է նրանց և, պահ մի այդ անելուց հետո, գրկաբաց վազեց նրանց ընդառաջ։ | ||
+ | |||
+ | ― Բարի հանդիպում, ― գոչեց նա, ― ո՜վ ասպետության տիպար, իմ բարի հայրենակից, դոն Կիխոտ Լամանչեցի, ազնվության ծաղիկ ու սեր, զրկվածների պատվար ու օթևան, թափառական ասպետների էություն։ | ||
+ | |||
+ | Այս ասելով նա սեղմում էր իր կրծքին դոն Կիխոտի ձախ ոտը։ Սա է՛լ, զարմացած նրա խոսքերից և վարմունքից, զննող հայացքով սկսեց նայել նրան և վերջապես ճանաչեց, ապա թե, սաստիկ շվարած այդ հանդիպումից, ուժ գործադրեց, որ իջնի ձիուց, բայց քահանան նրան ետ պահեց։ Ապա դոն Կիխոտն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Թողեք իջնեմ, ձերդ ողորմածություն, պարոն լիցենցիատ։ Վայել չէ, որ ես ձիով գնամ, մինչդեռ այնքան մի պատվելի անձ, ինչ ձեր ողորմությունն է, ոտով գնա։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի դեպքում թույլ չեմ տա, ― պատասխանեց քահանան, ― թող ձերդ մեծությունը ձիու վրա մնա, որովհետև ձի հեծած դուք գործեր ու սխրագործություններ եք կատարում, որոնցից ավելի փառավորները մեր դարը չի տեսել, իսկ ես՝ անարժան սպասավորս, կբավականանամ, եթե ձերդ ողորմածության ուղեկիցներից մեկն ու մեկը ինձ իր թարքին դնի և կթվա ինձ, թե ես ասպետի պես ռաչ կամ վագերաձի եմ հեծել, որ պատկանելիս է եղել հռչակավոր մավր Մուսարակին, որ մինչև օրս հմայված քնած է մեծ Կոմպլյուտային մերձ Սուլե՛մա մեծ բլուրի մեջ։<ref>Սուլեմի բլուր (այսինքն՝ Սողոմոնի), ընկած է Ալկալա դե Էնարես (Սերվանտեսի հայրենիք) փոքրիկ քաղաքից հարավ֊արևմուտք․ նույնացվում է Կոմպլուտի հետ, որը հիշատակվում է Պտղոմեոսի մոտ։</ref> | ||
+ | |||
+ | ― Այդ իմ միտքը չեկավ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց ես հավատացած եմ, որ սինյորա պրինցուհին, սիրելով ինձ, կհրամայի իր զինակրին, եթե կենդանու ուժը պատելու լինի։ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, թե կպատի, ― պատասխանեց պրինցուհին, ― և ես կարծում եմ, որ կարիք չկա, որ հրամայեմ, որովհետև իմ զինակիրն այնքան պարկեշտ ու քաղաքավարի է, որ ինքն էլ թույլ չի տա հոգևոր անձին ոտով գնալու, եթե կարող է ձիով գնալ։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց դալլաքը։ | ||
+ | |||
+ | Եվ արագ իջնելով, նա առաջարկեց քահանային թամբի վրա նստել, մի բան, որ նա արավ առանց ստիպելու, որ իրեն երկար խնդրեն։ Սակայն դժբախտաբար ջորին վարձով էր վերցած, հետևաբար բանի պետք չէր, ուստի երբ որ դալլաքը ուզում էր նստել քահանայի թարքին, ջորին բարձրացրեց հետին ոտները և երկու անգամ օդի մեջ աքացի տվեց։ Լավ էր, որ վարպետ Նիկոլասի գլխին կամ կրծքին չդիպավ, թե չէ դալլաքը անշուշտ դոն Կիխոտի ետևից գնալուց ձեռք կքաշեր։ Բայց էլի՛ այդ աքացիներն այնպես ազդեցին նրա վրա, որ նա գետնին փռվեց, մոռանալով իր միրուքը, որ իսկույն վայր ընկավ։ Նկատելով այդ բանը, նա ավելի լավ բան չխորհեց, քան երկու ձեռքով երեսը ծածկելը և գոռալը, թե նրա բոլոր ատամները ջարդվել ընկել են։ Դոն Կիխոտը, տեսնելով, որ միրուքի մի խուրձ առանց ծնոտի և արյան վայր ընկած զինակրից ոչ հեռու ընկած է, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Երդվում եմ Աստուծով, ահա՛ մեծ հրաշք։ Ջորին պոկեց և զատեց նրա միրուքը, ասես թե դանակով կտրեց։ | ||
+ | |||
+ | Տեսնելով, որ կացությունը վտանգավոր է և որ իր օյինը կարող է բացվել, քահանան իսկույն վազ տվեց և վերցրեց միրուքը, մոտենալով վարպետ Նիկոլասին, որ շարունակում էր պառկած տնքալ։ Նա դալլաքի գլուխը դրեց իր կրծքին և, ինչ֊որ բաներ մրթմրթալով միրուքը կպցրեց, իսկ ներկա եղողներին հայտարարեց, որ կապքի խոսքեր արտասանեց հատուկ միրուքը կպցնելու համար և որ բոլորը կհամոզվեն, որ դա այդպես է։ Վարպետ Նիկոլասի միրուքը կպցնելուց հետո քահանան հեռացավ և զինակիրը վեր կացավ ողջ ու ոռողջ, միրուքը տեղը, առաջվա պես։ Դոն Կիխոտը չափազանց զարմացած մնաց և խնդրեց քահանայից, որ տեղը եկած ժամանակին այդ կապքի խոսքերն իրեն հաղորդի, հավատացած լինելով, որ նրա ուժը տարածվում է ոչ միայն միրուք կպցնելու, ― որովհետև եթե մեկն ու մեկի միրուքը պոկվում է, ապա նրա այտերի վրա պետք է որ վերք մնա։ Իսկ քանի որ այդ կապքի խոսքերն ամեն ինչ բուժում են, ապա ուրեմն նրանք միայն միրուքի համար չեն օգտակար։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց քահանան և խոստացավ առաջին իսկ հարմար առիթով հաղորդել կապքի խոսքերը։ | ||
+ | |||
+ | Ապա նրանք որոշեցին, որ քահանան կնստի ջորու վրա և նրանք երեքով փոխեփոխ կգնան ջորով, մինչև որ հասնեն երկու մղոն հեռավորության վրա գտնվող իջևանը։ Երբ որ երեքն էլ նստեցին ջորիների վրա, այն է՝ դոն Կիխոտը, իշխանուհին և քահանան, իսկ երեքը՝ Կարդենիոն, դալլաքը և Սանչո Պանսան, առաջ ընթացան ոտով, դոն Կիխոտն ասաց Դորոթեային․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ բարձրություն, տիրուհի, առաջնորդեցեք ինձ, ուր որ կամենաք։ | ||
+ | |||
+ | Սակայն մինչև որ աղջիկը պատասխան կտար, խոսեց լիցենցիատը․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ պայծառությունը մեզ ո՞ւր կհաճի տանել։ Երևի Միկոմիկոն թագավորությունը։ Պետք է որ այդպես լինի կամ թե չէ ես թագավորություններից բան չեմ հասկանում։ | ||
+ | |||
+ | Դորոթեան, որ հասկացել էր, թե բանն ինչումն է, իսկույն գլխի ընկավ, որ պետք է դրական պատասխան տա, ուստի և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այո՛, տեր իմ, իմ ուղին դեպի այդ թագավորությունն է։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ― շարունակեց քահանան, ― ապա մենք պիտի անցնենք մեր գյուղից, իսկ այնտեղից ձերդ ողորմածությունը կերթա Կարտախենա, որտեղ բարեհաջող պարագաներում և ուղեկից քամի լինելու դեպքում դուք կարող կլինեք նավ նստել։ Եվ եթե ծովում փոթորիկ չլինի, դուք ինը տարվա ընթացքում կհասնեք Մեոնեական մեծ լճին,<ref>Մեոտիկական լիճ ― Ազովի ծով։ «Մեոտիկական» ― meon բառից՝ երեխա, որը միզում է։</ref> իսկ այնտեղից հազիվ հարյուր օրից քիչ ավելի ճամփա լինի մինչև ձեր բարձրության թագավորությունը։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունը սխալվում է, ― պատասխանեց Դորոթեան, ― երկու տարի էլ չի անցել, ինչ ես դուրս եմ եկել տնից և ամբողջ ճանապարհիս ընթացքում եղանակը միշտ նպաստավոր չի եղել։ Այնուամենայնիվ, ես տեղ հասա և տեսա նրան, որին այնքան փափագում էի տեսնել ― սինյոր դոն Կիխոտին, Լամանչեցուն, որի հռչակը, հազիվ ոտ կոխեցի Իսպանիայի ափը, հասավ իմ ականջին և ստիպեց ինձ որոնել֊գտնել նրան, որպեսզի դիմեմ նրա վեհանձնությանը և հանձնեմ իմ արդար գործը նրա անհաղթ բազկի ուժին։ | ||
+ | |||
+ | ― Բավ է գովաբանել, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը, ― որովհետև ես ամեն տեսակ շողոքորթության թշնամի եմ և, անգամ ընդունելով, որ ձեր խոսքերը շողոքորթություն չեն, այնուհանդերձ, նրանք վիրավորում են իմ ամոթխած լսողությունը։ Միայն կասեմ ձեզ, սինյորա, որ իմ առաքինությունը, ինչ տեսակ էլ լինի, քանի որ ես նրա տերն եմ, ամբողջապես ձեր տրամադրության ներքո է, և ձեզ համար ես պատրաստ եմ զոհել կյանքս։ Սակայն դրա ժամանակը դեռ գալու է, իսկ հիմա պատմեցեք ինձ, սինյոր լիցենցիատ, ինչպես է եղել, որ այս վայրերն եք ընկել մեն֊մենակ, իրերից թեթև և առանց ծառաների։ Այդ ամենն ինձ սաստիկ զարմացնում է։ | ||
+ | |||
+ | ― Կպատասխանեմ ձեզ կարճառոտ, ― պատասխանեց քահանան։ ― Թող ձերդ ողորմածության հայտնի լինի, տերդ դոն Կիխոտ, որ ես, իմ բարեկամ դալլաքի՝ վարպետ Նիկոլասի հետ, ուղևորվում էինք Սևիլյա, որոշ գումար փող ստանալու նպատակով, որ ուղարկել էր ինձ իմ ազգականներից մեկը, որ շատ տարիներ առաջ գաղթել է Հնդկաստան։ Եվ փոքրիկ գումար էլ չէ՝ վաթսուն հազար լիակշիռ պեսո<ref>Պեսո ― արծաթի մի ունցիան։</ref> ― չնչին բան չէ։ Եվ ահա, երբ որ մենք երեկ անցնում էինք այս կողմերով, մեզ վրա հարձակվեցին չորս ավազակներ և ամեն ինչ մեզնից խլեցին, անգամ միրուքներս, այնպես որ դալլաքը հարկադրված էր արհեստականը կպցնել։ Իսկ այս երիտասարդին, մեր ուղեկցին (ավելացրեց նա, ցույց տալով Կարդենիոյին), թողին մորեմերկ։ Սակայն ամենազարմանալին այն է, որ շրջակա բնակիչների ասելով, մեր կողոպտիչները ոչ այլ ոք են եղել, քան տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ, որ ազատ են թողնված այստեղից ոչ հեռու։ Եվ ասում են, թե այդ արել է ինչ֊որ քաջ մարդ՝ հակառակ կոմիսարի և պահակների դիմադրության։ Անտարակույս դա կամ խելագար է եղել կամ այնպիսիս մի անպիտան մեկը, ինչպես որ նրանք են կամ թե չէ անհոգի և անխիղճ մի մարդ։ Չէ՞ որ նա բաց է թողել գայլին՝ գառների, աղվեսին՝ հավերին կամ թե չէ ճանճին՝ մեղրի վրա։ Երևի թե նա խորհել է վիրավորել արդարադատությունը և իր օրինավոր տիրոջ՝ թագավորի դեմ ըմբոստանալ, քանի որ խախտել է նրա իմաստուն հրամանը։ Կրկնում եմ, նա խորհել է թիանավերը զրկել հենարանից, իրարանցում գցել Սանտա Հերմանդադում, որ քանի տարի է, ինչ հանգստանում է։ Մի խոսքով խորհել է կատարել մի գործ, որից նրա հոգին կորստյան կենթարկվի, ասենք մարմինն էլ չի փրկվի։ | ||
+ | |||
+ | Սանչոն կարողացել էր պատմել քահանային և դալլաքին տաժանակիր աշխատանքի դատապարտվածների հետ տեղի ունեցած արկածը, որից իր տերը դուրս էր եկել փառքով, այդ պատճառով էլ քահանան դիտմամբ այդքան գունեղ նկարագրում էր, որ տեսներ, թե դոն Կիխոտը դրան ինչպես կվերաբերվի։ Սա էլ ամեն խոսքի վրա կերպարանափախվում էր, բայց սիրտ չէր անում խոստովանել, թե այդ փառավոր խմբի ազատողը ոչ այլ ոք է եղել, քան եթե ինքը։ | ||
+ | |||
+ | ― Ահա՝ թե ովքեր են մեր կողոպտիչները, ― ավելացրեց քահանան, ― թող ողորմածն Աստված ների նրան, ում միջոցով նրանք խուսափեցին արժանի պատժից։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXX== | ||
+ | |||
+ | Ուր պատմվում է չքնաղ Դորոթեայի խելքի և ուրիշ շատ հասարակ ու զվարճալի բաների մասին | ||
+ | |||
+ | |||
+ | Հազիվ էր քահանան ավարտել իր խոսքը, որ Սանչոն բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Ազնիվ խոսք, սինյոր լիցենցիատ, այդ սխրագործությունը հենց իմ տերն է կատարել։ Այն պահին էլ ես ասում ու մատնանշում էի, որ նա խորհի, թե ինչ է անում և որ նրանց ազատելը մեղք է՝ չէ՞ որ նրանց մեծամեծ ոճիրների համար են թիանավերի վրա թիավարելու ուղարկում։ | ||
+ | |||
+ | ― Հիմար, ― վրա բերեց դոն Կիխոտը, ― պարտ չէ և պատշաճ չէ թափառական ասպետներին ստուգել՝ մեղավո՞ր են, թե՞ անմեղ այն ճնշվածները, վիրավորվածները և շղթայվածները, որոնց նրանք հանդիպում են բանուկ ճամփաներում։ Նրանց վայելում է լոկ օգնել տկարներին՝ ուշ դարձնելով նրանց տառապանքների և ոչ թե ոճիրների վրա։ Ես դեմ առա տանջված ու դժբախտ մարդկանց՝ շարված շղթայի վրա և վարվեցի այնպես, ինչպես իմ դավանանքն է պատվիրում, իսկ մնացածը ― թող դատեն երկնքում։ Ում աչքին որ դա վատ բան է երևում, նա տառ անգամ չի հասկանում ասպետականությունից և ստում է, ինչպես բռի գյուղացի կամ սրիկա (ի բաց առյալ, իհարկե, սինյոր լիցենցիատի սուրբ աստիճանը և նրա պատվելի անձը), և ես կապացուցեմ նրան սրով, ասես թե սուրս առջևս դրած լիներ։<ref>Երդման բանաձև, որը գործ է ածվում միայն ավետարանի նկատմամբ։ Երդման թախծալի կոմիզմը մատնանշվում է նրանով, որ դոն Կիխոտը դրանից առաջ զրկվել էր սրից։</ref> | ||
+ | |||
+ | Այդ ասելով նա ոտներն ամրացրեց ասպանդակներում և սաղավարտը խորը քաշեց ճակատին, ― որովհետև դալլաքի լագանը, որ նա Մամբրինի սաղավարտի տեղ էր ընդունում, կախված էր թամբի առաջի փայտից, և տաժանակիր աշխատանքի դատապարտվածները նրան այնպիսի վիճակի մեջ էին գցել, որ նորոգումի մեծ կարիք կար։ | ||
+ | |||
+ | Դորոթեան, հնարագետ և սրախոս աղջիկ լինելով, իմանալով, որ դոն Կիխոտի խելքը վնասված է և որ բացի Սանչո Պանսայից ամենքը նրան ծաղրում են, չկամեցավ ուրիշներից ետ մնալ և այսպես ասաց վիրավորված դոն Կիխոտին․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր ասպետ, մտաբերեցեք այն շնորհը, որ դուք ինձ խոստացաք և այն, որ դուք ուրիշ արկածների մեջ չեք ընկնի, որքան էլ նրանք անհետաձգելի լինեն։ Մեղմեցեք ձեր ցասումը։ Եթե սինյոր լիցենցիատն իմանալու լիներ, որ այն տաժանակիր աշխատանքի դատապարտվածները ձեր անհաղթ ձեռքով են ազատված, նա երիցս կկտրեր իր շուրթը և երիցս կկծեր իր լեզուն, նախքան ձերդ ողորմածությանը որևէ անհաճո բան ասել։ | ||
+ | |||
+ | ― Երդվում եմ, որ դա ճիշտ է, ― վրա բերեց քահանան։ ― Ես ուղղակի բեղս կպոկեի նախապես։ | ||
+ | |||
+ | ― Ես կլռեմ, տիրուհիդ իմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և կզսպեմ արդարացի ցասումս, որ եռ է գալիս իմ կրծքում։ Այսուհետև ես կլինեմ հանգիստ ու խաղաղասեր, մինչև որ իմ խոստումը չկատարեմ։ Սակայն իմ բարի մտադրություններին ի պարգև, խնդրեմ, ասացեք ինձ, եթե այդ ծանր չգա ձեզ, ի՞նչն է ձեր վիշտը, քանի՞ հոգի են նրանք, ի՞նչ մարդիկ են և ի՞նչ դասից, որոնց վրա պետք է պայթի իմ արդարացի, օրինավոր և արժանավոր վրեժը։ | ||
+ | |||
+ | ― Սիրով կպատասխանեմ, ― ասաց Դորոթեան, ― եթե միայն ձեզ ձանձրույթ չի պատճառի իմ դժբախտությունների և աղետների մասին լսելը։ | ||
+ | |||
+ | ― Ձանձրույթ չի լինի, տիրուհիդ իմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | Դրան Դորոթեան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ականջ դրեք, սինյորներ։ | ||
+ | |||
+ | Հենց որ նա այս խոսքերն արտասանեց, Կարդենիոն ու դալլաքը մոտ եկան նրան, կամենալով իմանալ, թե խելացի Դորոթեան ինչ պատմություն է հնարելու։ Նույնն արեց նաև Սանչոն, որ նույն մոլորության մեջ էր գտնվում, ինչ որ իր տերը։ Իսկ Դորոթեան, ավելի հարմար նստելով թամքի վրա, կոկորդը մաքրելուց ու պատրաստվելուց հետո, ինչպես անում են նման դեպքերում, շատ դուրեկան կերպով այսպես սկսեց․ | ||
+ | |||
+ | ― Նախ և առաջ թող ձեզ հայտնի լինի, սինյորներ, որ իմ անունը․․․ | ||
+ | |||
+ | Այստեղ նա կակազեց, որովհետև մոռացել էր, թե քահանան ինչ էր դրել իր անունը։ Սակայն վերջինս իսկույն օգնության հասավ, որովհետև ձեռաց գլխի ընկավ, թե ինչի մեջն է դժվարությունը և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Զարմանալի չէ, տիրուհի, որ ձերդ բարձրությունը քաշվում ու դժվարանում է, կամենալով պատմել մեզ իր ցավերից։ Այդպես է ցավի հատկությունը ― նա զրկում է հիշողությունից նրանց, որոնց վրա թափվում է։ Մարդիկ դժբախտության մեջ հաճախ մոռանում են իրենց սեփական անունը, ինչպես հիմա պատահեց ձեզ, որ մոռացել եք, թե ձեր անունը իշխանուհի Միկոմիկոնա է, և որ դուք Միկոմիկոն մեծ թագավորության օրինավոր ժառանգորդն եք։ Այս հիշեցումից հետո ձերդ մեծությունը առանց դժվարության կարող կլինի իր ճնշված հիշողության մեջ վերականգնել այն ամենը, ինչ որ հաճելի լինի պատմել մեզ։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց աղջիկը, ― և հուսով եմ, որ հետագայում ես առանց հիշեցումների յոլա կգնամ և իմ ճշմարտապատում պատմությունը կհասցնեմ մինչև խաղաղ նավահանգիստ։ Իմ հոր՝ թագավորի անունը Տինակրիս իմաստուն էր, որովհետև մագիա կոչվող գիտության մեջ նա շատ տեղյակ էր։ Այդ գիտության միջոցով նրան հայտնվեց, որ մայրս՝ թագուհի Խարամիլյան, իրենից շուտ պիտի մեռնի և որ դրանից հետո շուտով իրեն է վիճակված լքելու այս աշխարհը, իսկ իմ ճակատագիրն է՝ մնալու որբ, անհայր և անմայր։ Եվ թեև նա վշտացած էր դրանից, սակայն ավելի ուժգին նա վշտացած էր, ինչպես ինքն էր ասում, այլ բանից․ նա ստուգապես գիտեր, որ մեր պետության գրեթե կողքին, մեծ կղզու վրա, հրեշավոր մի հսկա էր իշխում Պանդաֆիլանդո Դժնաչք անունով (բոլորին հայտնի է, որ թեև նրա աչքերը կանոնավոր են և իրենց տեղը, բայց նա միշտ մի քիչ շեղ է նայում, ասես թե շլդիկ լիներ և այդ նենգությունից է անում, որպեսզի վախեցնի և ահաբեկի բոլորին, որոնց վրա նայում է)։ Եվ ահա հայրս իմացավ, որ երբ հսկային հասնի իմ որբության լուրը, նա մեծ զորքով կհարձակվի մեր թագավորության վրա և ինձնից ամեն ինչ կխլի, առանց ինձ անգամ մի փոքրիկ գյուղ թողնելու, որտեղ ես կարողանայի օթևան գտնել։ Սակայն ես կարող էի այդ աղետից և կործանումից խուսափել, եթե կամենայի նրան մարդու գնալ։ Սակայն բոլոր տվյալներով հայրս կարծում էր, որ ես երբեք չեմ համաձայնի նման անհավասար ամուսնության և նա ամենևին չէր սխալվում, որովհետև երբեք մտքովս էլ չէր անցնի պսակվել ո՛չ այս հսկայի, ո՛չ էլ ուրիշ նմանի հետ, որքան էլ նա մեծ ու զորավոր լիներ։ Բացի այդ՝ հայրս ինձ ասաց, որ երբ ինքը կմեռնի և Պանդաֆիլանդոն առաջ կխաղա իմ թագավորության վրա, ես չպիտի մտածեմ անգամ դիմադրության մասին, որովհետև դա հավասարազոր կլինի կործանման։ Իսկ ես պետք է, եթե կամենում եմ փրկված լինել մահից և կատարյալ բնաջնջումից իմ բարի և հավատարիմ հպատակներին, բարի կամքովս մաքրել թագավորությունս, որովհետև այդ հսկայի դիվական ուժի դեմ պաշտպանվելու հնարավորություն չկա։ Եվ նա կտակեց ինձ՝ անմիջապես մի քանի հավատարիմ մարդկանց հետ ճամփա ընկնել Իսպանիա և այնտեղ գտնել փրկչիս իմ բոլոր աղետներից՝ թափառական ասպետին, որի փառքը այդ միջոցին տարածվել է ողջ պետության մեջ և որի անունը լինելու է, եթե միայն ես լավ եմ հիշում, դոն Ասոտ կամ դոն Խիգոտ։<ref>Azote նշանակում է «պատուհաս», jigote՝ «ծեծած միս»։</ref> | ||
+ | |||
+ | ― Երևի նա դոն Կիխոտ է ասել, ― ընդհատեց նրան Սանչո Պանսան, ― կամ այլ կերպ՝ Տխուր Պատկերի Ասպետ։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես, ― պատասխանեց Դորոթեան։ ― Համ էլ նա ավելացրեց, որ այդ ասպետը բարձրահասակ է, նիհար դեմքով և որ նրա աջ կողմի վրա, ձախ ուսից քիչ ցած կամ այդ մասին մոտիկ տեղում թուխ խալ կա՝ խոզի մազի պես կոշտ մազով ծածկված։ | ||
+ | |||
+ | Լսելով այդ՝ դոն Կիխոտը ասաց իր զինակրին․ | ||
+ | |||
+ | ― Ապա արի այստեղ, եղբայր Սանչո, օգնիր շորս հանեմ։ Որովհետև ես կամենում եմ համոզվել, իրո՞ք ես այն ասպետն եմ, որ նախագուշակել է իմաստուն թագավորը։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կարիք կա, որ ձերդ ողորմածությունը շորը հանի, ― հարցրեց Դորոթեան։ | ||
+ | |||
+ | ― Որպեսզի տեսնեմ խալը, որի մասին ասել է ձեր հայրը, կա՞ արդյոք, ― պատասխանեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Դրա համար շոր հանելու կարիք չկա, ― ասաց Սանչոն, ― ես առանց այդ էլ գիտեմ, որ ձերդ ողորմածության մեջքի մեջտեղին հենց այդ տեսակ խալ կա, և դա առնականության նշան է։ | ||
+ | |||
+ | ― Դա միանգամայն բավական է, ― ասաց Դորոթեան, ― որովհետև բարեկամները նման մանր֊մունր բաների վրա ուշ չեն դարձնում և կարևոր չէ՝ ուսի՞ն է խալը, թե՞ մեջքին։ Գլխավորն այն է, որ խալը կա, իսկ որտեղ էլ լինի՝ մեկ է, մարմնի բոլոր մասերը միատեսակ են։ Անկասկած, իմ բարի հայրը ճիշտ է նախագուշակել, և ես էլ չեմ սխալվել, դիմելով տեր դոն Կիխոտին, որովհետև, անտարակույս, նրան է նկատի ունեցել իմ հայրը։ Չէ՞ որ մարմնի նշաններին համաձայն է նաև բարի համբավը, որ պտտում է նրա մասին ոչ միայն Իսպանիայում, այլև բովանդակ Լամանչում, ― որովհետև հազիվ էի ես ափ իջել Օսունում, երբ արդեն ականջիս հասավ նրա գործերի պատմությունը, որ իսկույն հուշեց իմ սրտին, որ իմ որոնածը հենց նա է։ | ||
+ | |||
+ | ― Սակայն, տիրուհիդ իմ, ինչպե՞ս կարող էր ձերդ ողորմածությունը Օսունում ափ իջած լինել, ― հարցրեց դոն Կիխոտը, ― քանի որ դա ծովային նավահանգիստ չէ։ | ||
+ | |||
+ | Մինչև որ Դորոթեան պատասխան տար, միջամտեց քահանան և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Տիրուհի իշխանուհին, երևի, կամեցել է ասել, որ այն օրից, ինչ նա ափ է իջել Մալագում, առաջին վայրը, որտեղ նա լսել է ձերդ ողորմածության մասին, Օսունան է եղել։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, հենց իմ ասելս այդ է եղել, ― հաստատեց Դորոթեան։ | ||
+ | |||
+ | ― Ապա ամեն ինչ հասկանալի է, ― ասաց քահանան։ ― Դե, շարունակեցեք, ձերդ մեծություն։ | ||
+ | |||
+ | ― Ես բան չունեմ ավելացնելու, ― ասաց Դորոթեան, ― գուցե այն, որ վերջապես բախտը գթաց, և ես գտա սինյոր դոն Կիխոտին։ Ես հիմա արդեն ինձ համարում եմ թագուհի և իմ ամբողջ թագավորությանս տիրուհին, որովհետև իր սիրալիրությամբ և վեհանձնությամբ հաճեց ինձ հետ գնալ ուր որ ես նրան տանելու լինեմ։ Իսկ ես նրան հսկա Պանդաֆիլանդո Դժնաչքի մոտ եմ տանելու, որպեսզի նա սպանի հրեշին և վերադարձնի ինձ այն, ինչ որ ինձնից ապօրինի խլված է։ Այդ ամենը պիտի կատարվի ծրագրածի պես, որովհետև այդպես է նախագուշակել իմ բարի հայր Տինակրիո իմաստունը։ Նա թուղթ է թողել՝ գրված հունարեն և քաղդեերեն։ Ես պետք է անմիջապես, առանց որևէ առարկությունների, դառնամ նրա օրինավոր ամուսինը, և իմ անձի հետ հանձնեմ նրան իշխանությունը նաև բովանդակ իմ թագավորության վրա։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կասես սրան, Սանչո բարեկամս, ― հարցրեց այստեղ դոն Կիխոտը։ ― Լսո՞ւմ ես՝ խոսքը ինչի մասին է։ Չէ՞ի ասում քեզ այդ բանը։ Ահա մենք թագավորություն էլ կունենանք, որ մենք կառավարենք և թագուհի, որի հետ ամուսնանանք։ | ||
+ | |||
+ | ― Աստված վկա, ճիշտ է, ― ասաց Սանչոն։ ― Պետք է ախմախ լինել, որպեսզի մարդ, այդ սինյոր Պանդաիլադոյի գլուխը չջարդի և իշխանուհու հետ չամուսնանա։ Ի՞նչ կասեք, գե՞շ թագուհի է։ Կուզենայի՜, որ իմ անկողնում էլ այդպիսի լվիկներ թռչկոտեին։ | ||
+ | |||
+ | Այդ ասելով, նա ի նշան առանձին հաճույքի, երկու անգամ օդում աքացի տվեց։ Ապա նա բռնեց Դորոթեայի նստած ջորու նախտան և, կանգնեցնելով, չոքեց՝ աղաչելով, որ աղջիկը թույլ տա համբուրել իր ձեռքը՝ որպես իր թագուհու ու տիրուհու։ Ո՞վ չէր ծիծաղի տեսնելով տիրոջ նման խելագարությունը և ծառայի պարզամտությունը։ Դորոթեան պարզեց իր ձեռքը և խոստացավ նրան մեծ պաշտոնյա դարձնել հենց որ երկինքն իրեն թույլ տա վերստին տիրանալ իր թագավորության։ Սանչոն հայտնեց իր շնորհակալությունն այնպիսի դարձվածներով, որ ներկաները դարձյալ ծիծաղեցին։ | ||
+ | |||
+ | ― Ահա, սինյորներ, իմ պատմությունը, ― շարունակեց Դորոթեան։ ― Մնում է ասեմ, որ իմ թագավորությունից հետս դուրս բերած ամբողջ շքախմբից մենակ այս միրուքավոր զինակիրս է մնացել, իսկ մնացածները բոլորն էլ խեղդվեցին սարսափելի փոթորկի միջոցին, որ վրա հասավ մեզ նավահանգստի մոտերքում։ Իսկ մենք նրա հետ երկու տախտակի վրա հրաշքով ափ հասանք։ Ասենք՝ իմ ողջ կյանքը, ինչպես որ արդեն դուք նկատած կլինեք, հրաշք ու գաղտնիք է։ Իսկ եթե ես որևէ ավելորդ կամ անտեղին բան ասացի, ապա մեղավորը այն պարագաներն են, որոնց սկզբից ևեթ մատնանշեց սինյոր լիցենցիատը, արտասովոր և անընդհատ փորձությունները զրկում են հիշողությունից նրանց, որոնց գլխին թափվում են։ | ||
+ | |||
+ | ― Ինչ փորձությունների էլ ենթարկվելու լինեմ ես, որքան էլ մեծ ու զարմանալի լինեն նրանք, ո՜վ ազնվազարմ ու արի տիրուհի, ― հայտարարեց դոն Կիխոտը, ― ծառայելով ձեզ, ես հիշողությունս չեմ կորցնի։ Ես կրկին հաստատում եմ իմ խոստումը և երդվում, որ ձեզ մինչև աշխարհիս ծայրը կհետևեմ, մինչև որ չհանդիպեմ ձեր դաժան թշնամուն, որի հանդուգն գլուխը Աստծու և իմ ձեռքի օգնությամբ հույս ունեմ, որ կկտրեմ այս կուռ թրի ծայրով ― կուզենայի ասել, բայց չեմ կարող, որովհետև իմ կուռ թուրը հափշտակել է Խինես դե Պասամոնտեն։ | ||
+ | |||
+ | Վերջին խոսքերը նա արտասանեց ատամների արանքով, ապա շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Իսկ նրա գլուխը կտրելուց հետո ես ձեզ կմտցնեմ ձեր պետության խաղաղ տիրության մեջ, դուք կկարողանաք, ըստ ձեր ազատ հայեցողության, տնօրինել ձեր անձը, որովհետև իմ հիշողությունը գրավված է, կամքս՝ գերի և բանականությունս՝ հափշտակված նրանով․․․ ոչինչ այլևս չեմ ավելացնի։ Միայն թե ես ոչ միայն անկարող եմ ամուսնանալ, այլև նաև ամուսնության մասին խորհել, անգամ եթե փյունիք թռչունը լիներ հարսնացուս։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի ամուսնանալու անկարելիության մասին ասած խոսքերը այնքան դուր չեկան Սանչոյին, որ նա ցավալիորեն բարձրացրեց իր ձայնն ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Երդվում եմ, սինյոր դոն Կիխոտ, որ ձեր խելքը թռել է։ Ինչպե՞ս կարելի է տատանվել, երբ որ այսպիսի ազնվական իշխանուհու հետ ամուսնանալու մասին է գործը գալիս։ Ի՞նչ եք կարծում, բախտը ամե՞ն քայլափոխում ուղարկելու է ձեզ սրա պես հաջողություն։ Կամ թե միգուցե, ձեր կարծիքով, տիրուհի Դուլսինեան ավելի՞ գեղեցիկ է։ Իհարկե ոչ, սրա կեսի չափ էլ գեղեցիկ չէ։ Պատրաստ եմ երդվելու, որ իշխանուհու եղունգն էլ չարժե։ Ասել է թե՝ իմ կոմս դառնալս փըստ եղավ, եթե ձերդ ողորմածությունը սպասելու է, որ ծովի տակին տանձ բռնի։ Ամուսնացեք, անպատճառ ամուսնացեք, թող սատանան տանի ձեզ, ձեռքից մի գցեք թագավորությունը, որ նահախ տեղից ինքն է գալիս ձեր ձեռքը։ Իսկ երբ որ թագավոր դառնաք, ― ինձ մարկիզ դարձրեք կամ փոխարքա, ապա ― ամեն ինչ թեկուզ սատանի բաժին դառնա։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը, լսելով այս սրբապղծությունը իր տիրուհի Դուլսինեայի նկատմամբ, չհամբերեց և, բարձրացնելով նիզակը, առանց խոսք ասելու և նախազգուշացնելու, երկու այնպիսի հարված հասցրեց Սանչոյին, որ սա հասակովը մեկ փռվեց գետնին և, եթե Դորոթեան իր ճիչով դոն Կիխոտին ետ պահելու չլիներ, նա, անշուշտ, տեղն ու տեղը կսպաներ նրան։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե դուք կարծում եք, ստոր գյուղացի, ― սկսեց նա պահ մի անց, ― որ դուք միշտ ոտներիս արանքը փայտ եք կոխելու, իսկ ես միշտ ներելու եմ ձեր հանդգնությունը։ Ձեր մտքիցն էլ թող չանցնի, անիծյալ անպիտան, ― որովհետև դուք անպիտան եք, քանի որ ձեր լեզուն խիզախեց դիպչել աննման Դուլսինեային։ Գիտե՞ք դուք, տխմար, ավարա, բռի գյուղացի, որ միայն նա է, որ ուժ է տալիս իմ ձեռքին և որ առանց նրան ես չէի կարող անգամ լու սպանել։ Ասացեք ապա, իժի լեզու ունեցող սրիկա, ո՞վ է ձեր կարծիքով նվաճել այդ թագավորությունը, կտրել հսկայի գլուխը և ձեզ մարկիզ դարձրել (որովհետև այդ ամենը ես արդեն համարում եմ կատարված՝ այն, ինչ մտահղացված է՝ կատարված է), մի՞թե ոչ Դուլսինեայի առաքինությունը, որ իմ ձեռքն ընտրել է որպես գործիք իր սխրագործությունների։ Նա մարտնչում է իմ մեջ և հաղթում ինձնով, իսկ ես ապրում ու շնչում եմ նրանով և նրանից է իմ կյանքն ու կացությունը։ Օ, զզվելի անպիտան, ի՜նչ անշնորհակալն եք դուք, դուք, որին հող ու փոշուց են բարձրացրել և հասցրել անվանի տիրոջ։ Դուք ձեր բարերարուհուն դրա համար զրպարտում եք։ | ||
+ | |||
+ | Ինչքան էլ Սանչոն ջարդված լիներ, այնուհանդերձ նա լսեց իր տիրոջ խոսքերը և, ոչ առանց փութկոտության վեր կենալով, թաքնվեց Դորոթեայի յորղա ձիու քամակին և այնտեղից պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ասացեք ինձ, սինյոր, եթե ձերդ ողորմածությունը վճռել է չամուսնանալ այս ազնվազարմ իշխանուհու հետ, ապա ուրեմն թագավորությունը ձերը չի՞ լինի։ Իսկ եթե այդպես է, ապա էլ ի՞նչ շնորհ սպասեմ ձեզնից։ Ահա թե ինչից եմ գանգատավոր ես։ Անպայման ամուսնացեք այս թագուհու հետ, որ ուղղակի երկնքից է իջել մեզ համար, իսկ հետո դուք կարող կլինեք վերադառնալ տիրուհի Դուլսինեայի մոտ՝ եղել են հո աշխարհիս երեսին թագավորներ, որ ապրելիս են եղել սիրուհիների հետ։ Գալով գեղեցկության՝ ես այդ գործին չեմ խառնվում, որովհետև, իսկապես, երկուսն էլ գեղեցկուհի են ինձ համար, թեև տիրուհի Դուլսինեային ես երբեք չեմ տեսել։<ref>Այստեղ Սերվանտեսը նորից հակասում է ինքն իրեն․ XXV գլխում ցույց է տրված, որ Սանչոն լավ էր ճանաչում Դուլսինեային։</ref> | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե չես տեսել, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը։ ― Չէ որ դու նոր նրանից ողջույն ես բերել ինձ համար, զազիր դավաճան։ | ||
+ | |||
+ | ― Ես ուզում էի ասել, որ նրան բավականաչափ երկար տեսած չկամ, որպեսզի մանրամասն, ամեն կողմից զննած լինեի նրա գեղեցկությունն ու բոլոր հրապույրները։ Բայց, ընդհանրապես, նա ինձ լավիկն է թվում։ | ||
+ | |||
+ | ― Ահա հիմա ես ներում եմ քեզ, ― ասաց դոն Կիխոտը, ― դու էլ ներիր ինձ, որ վիրավորեցի քեզ, որովհետև մարդուս առաջին շարժումները կամքից կախված չեն լինում։ | ||
+ | |||
+ | ― Այդ ես արդեն գիտեմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Իսկ իմ առաջին շարժումը խոսելու ցանկությունն է լինում։ Ոչ մի կերպ չեմ կարողանում զսպել ինձ և գոնե մի անգամ չասեմ այն, ինչ որ պտտվում է լեզվիս ծայրին։ | ||
+ | |||
+ | ― Այնուամենայնիվ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― խորհիր ասածիդ վրա։ Դու հո գիտես՝ կուժը ջրի ճամփին․․․ էլ չեմ շարունակի։ | ||
+ | |||
+ | ― Դե լավ, ― պատասխանեց Սանչոն, ― Աստված երկնքում տեսնում է բոլոր հանցանքները, նա էլ կվճռի, թե որն է ավելի վատ՝ վատ խոսելը, ինչպես ես, թե՞ վատ անելը, ինչպես ձերդ ողորմածությունը։ | ||
+ | |||
+ | ― Դե, բավական է, ― ընդհատեց Դորոթեան։ ― Վազեցեք, Սանչո, համբուրեցեք ձեր տիրոջ ձեռքը և ներողություն խնդրեցեք, իսկ հետագայում զգույշ եղեք գովասանքի և պարսավանքի մեջ և Տոբոսցի տիրուհու մասին վատ մի խոսեք։ Ես պատրաստ եմ ծառայելու նրան, թեև նրան չեմ էլ ճանաչում։ Մնացածը Աստծուն հավատացեք, և դուք կալվածներ կունենաք և կապրեք նրանց մեջ իշխանավայել կյանքով։ | ||
+ | |||
+ | Սանչոն, գլուխը կախ գցած, մոտեցավ դոն Կիխոտին և խնդրեց, որ տա իրեն իր ձեռքը, որ և նա պարզեց արժանապատվությամբ։ Երբ որ Սանչոն համբուրեց, դոն Կիխոտը նրան օրհնեց և առաջարկեց հետը առաջ անցնել, ասելով, թե պետք է նրան հարց ու փորձ անի և հետը շատ կարևոր բաներից զրույց անի։ Սանչոն հնազանդեց և երբ որ նրանք մնացածներից առաջ ընկան, դոն Կիխոտն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Քո վերադարձից հետո դեպքը չբերեց, որ մանրամասն տեղեկանայի, թե ինչպե՞ս ես կատարել հանձնարարությունս և ի՞նչ պատասխան ես բերել։ Սակայն հիմա, երբ բախտը շնորհում է մեզ և՛ տեղ, և՛ ժամանակ դրա համար, ինձ մի զրկիր Դուլսինեայից բարի լուր լսելու բախտից։ | ||
+ | |||
+ | ― Հարցրեք, ձերդ ողորմածություն, ամեն բան, որ կուզենաք, ― պատասխանեց Սանչոն։ ― Իմ բերանը հիմա կկրկնի այն, ինչ որ մտել է ականջս, միայն թե աղաչում եմ ձերդ ողորմածությունից, տեր իմ, այլևս այնքան վրեժխնդիր միք լինի։ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ ես ասում այդ, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Նրա համար, ― պատասխանեց Սանչոն, ― որ դուք հիմա ինձ ծեծեցիք ավելի շուտ այն պատճառով, որ անցյալ գիշեր սատանան մեզ կռվացրեց և ոչ թե տիրուհի Դուլսինեայի մասին ասած խոսքերի համար։ Նրան ես սիրում ու հարգում եմ, որպես սրբություն (թեև ի՞նչ սրբություն կա մեջը որ) ― միմիայն ձերդ ողորմածության համար թանկ լինելու համար։ | ||
+ | |||
+ | ― Բավ է շաղակրատես այդ մասին, Սանչո, խնդրում եմ, ― ասաց դոն Կիխոտը, ― քո խոսքերն անախորժ են ինձ։ Ես նոր ներեցի քեզ, իսկ դու ինքդ գիտես, որ ասված է․ «Նոր մեղքի համար ― նոր զղջում»։ | ||
+ | |||
+ | Այդ վայրկյանին ճամփին նրանք իրենց առջև էշի վրա նստած մի մարդ տեսան և երբ որ նա մոտ եկավ, գնչուի տեղ դրին նրան։ Սակայն Սանչոն, որի աչքերը էշ տեսնելուց քիչ էր մնում դուրս թռչեին, անծանոթին տեսավ թե չէ, իսկույն ճանաչեց Խինես Պասամոնտեին և, բռնելով թելից, այսինքն՝ գնչուից, կծիկը քակեց, այն է՝ գլխի ընկավ, որ գորշ էշը, որի վրա նստած էր Պասամոնտեն, իր սեփականն է։ Այդպես էլ դուրս եկավ։ Պասամոնտեն, որպեսզի իրեն չճանաչեն և չխանգարեն էշը ծախել, գնչուի պես էր հագնվել։ Գնչուների, ինչպես և շատ ուրիշ լեզուներով նա խոսում էր, ինչպես իր մայրենի լեզվով։ Տեսավ նրան Սանչոն և ճանաչեց, իսկ տեսնելուց և ճանաչելուց հետո բարձրաձայն գոչեց․ | ||
+ | |||
+ | ― Գող Խինեսիլյո, ետ տուր ինձ իմ մալը, վերադարձրու կյանքս, մի՛ խռովիր հանգիստս, թող ինձ մնա իմ էշը, վերադարձրու ինձ իմ զվարճությունը։ Ճղի՛ր, սրիկա, կորի՛ր, գող և թող այն, ինչ որ քոնը չէ։ | ||
+ | |||
+ | Այդքան հայհոյանքի կարիք չկար էլ։ Առաջին իսկ խոսքից Խինեսը վայր թռավ էշից, և զոռ տալով ոտներին, վազեց ու վայրկյանապես անհետացավ։ Սանչոն մոտեցավ իր գորշին և գրկելով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Քեֆդ ինչպե՞ս է, գանձ իմ, իմ հոգու էշը, իմ սրտագին բարեկամս։ | ||
+ | |||
+ | Եվ այդ ասելով նա համբուրում էր նրան, ասես թե մարդ լիներ։ Իսկ էշը լուռ էր։ Թույլ տալով, որ իրեն գրկեն ու համբուրեն, նա ոչ մի խոսք չպատասխանեց։ Հասան ետ մնացածներն ու սկսեցին շնորհավորել Սանչոյին գյուտի համար, մանավանդ դոն Կիխոտը, որ հայտարարեց, թե չնայած դրան, նա չի փոխում իր խոստումը երեք քուռակի մասին։ Սանչոն շնորհակալ եղավ։ Երբ որ դոն Կիխոտը Սանչոյի հետ առջևից գնում ու զրույց էր անում, քահանան ասաց Դորոթեային, որ նա իր պատմությունը շատ ճարտար արեց՝ կարճառոտ և նման ասպետական վեպերում եղած զրույցներին։ Դորոթեան պատասխանեց, թե զվարճության համար ինքը հաճախ այդ վեպերն է կարդացել։ Մի բան միայն չէր իմանում՝ որտե՞ղ են գտնվում ծովեզրյա երկրներն ու քաղաքները, այդ պատճառով էլ խելքին փչածն ասաց՝ թե ափ է իջել Օսունում։ | ||
+ | |||
+ | ― Ես այդպես էլ հասկացա, ― պատասխանեց քահանան, ― ուստի աճապարեցի օգնության հասնել և շտկել ամեն ինչ։ Սակայն ասացեք, խնդրեմ, տարօրինակ չէ՞ տեսնել, թե ի՜նչ դյուրությամբ դժբախտ հիդալգոն հավատ է ընծայում բոլոր պատրանքներին և հեյրուրանքներին լոկ այն պատճառով, որ նման են այն ցնդաբանություններին, որ նա կարդացել է այդ գրքերում։ | ||
+ | |||
+ | ― Այդ խելագարությունը, ― ասաց Կարդենիոն, ― այնքան հազվադեպ է և նոր, որ նրան պատկերել և նրանից վեպ կառուցել կամեցողը պետք է որ շատ նուրբ միտք ունենա, որ կարողանա գլուխ բերել։ | ||
+ | |||
+ | ― Սակայն մի բան, որ ավելի զարմանալի է, ― ասաց քահանան, ― դա այն է, որ եթե մի կողմ դնելու լինենք հիմարությունները, որ այդ սիրելի մարդը դուրս է տալիս իր խելագարության առարկայի վերաբերմամբ և եթե նրա հետ ուրիշ բաներից խոսելու լինեք, նա շատ խելացի դատողություններ կանի և կցուցադրի առողջ, պայծառ միտք։ Այնպես որ՝ եթե նրա հետ ասպետականությունից խոսելու չլինեք, ոչ մի կերպ չի կարելի նկատել, որ նա խելքից պակաս է։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ այս խումբն այդպես հանդարտ առաջ էր շարժվում, դոն Կիխոտը շարունակում էր իր զրույցը Սանչոյի հետ։ | ||
+ | |||
+ | ― Բարեկամս, ― ասում էր դոն Կիխոտը, ― թողնենք մեր բոլոր վեճերը և ոխ չպահենք։ Դե ասա՝ որտե՞ղ, երբ և ինչպե՞ս տեսար դու Դուլսինեային։ Ի՞նչ էր անում նա, ի՞նչ ասացիր դու նրան, ի՞նչ պատասխանեց նա քեզ և դեմքի ի՞նչ արտահայտությամբ կարդաց նա իմ նամակը։ Ո՞վ արտագրեց նամակս։ Մի խոսքով՝ պատմիր ինձ ամենը, ինչ որ քո կարծիքով արժանի է որ մարդ իմանա և հարցնի, առանց մի բան ավելացնելու կամ սուտ ասելու ինձ հաճույք պատճառելու համար և առանց կրճատելու, որ իմ բավականությունը պակասի։ | ||
+ | |||
+ | ― Սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― եթե ճշմարիտն ասելու լինեմ, ձեր նամակը ոչ ոք չի արտագրել, որովհետև ես հետս չէի էլ վերցրել։ | ||
+ | |||
+ | ― Դու ճիշտ ես ասում, ― վրա բերեց դոն Կիխոտը, ― որովհետև հուշատետրը, որի վրա ես գրել էի, քո գնալուց երկու օր անց ես գտա մոտս և դա ինձ չափազանց վշտացրեց, որովհետև ես չգիտեի, թե դու ինչ ես անելու, երբ որ նկատես մոռացածդ և կարծում էի, թե հենց որ նկատես ― կվերադառնաս։ | ||
+ | |||
+ | ― Ես այդպես էլ կանեի, ― պատասխանեց Սանչոն, ― եթե անգիր արած չլինեի ձեր ընթերցումի միջոցին։ Ես թելադրեցի մի խորանապետի, որ գրի առավ կետ առ կետ և որն ինձ ասաց, որ թեև ինքը բանադրանքի շատ թղթեր է կարդացել, սակայն այսպիսի գեղեցիկ թուղթ երբեք չի տեսել ու չի կարդացել։ | ||
+ | |||
+ | ― Եվ դու մինչև հիմա էլ հիշո՞ւմ ես անգիր, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― հենց որ նամակը հանձնեցի, իսկույն ևեթ, տեսնելով, որ այլևս բանի պետք չէ, մոռացության տվի։ Եվ եթե մի բան սկզբից միտս է մնացել՝ դա ― իշազոր, ասել կուզե՝ իշխանազոր տիրուհին է և վերջը՝ մինչև գերեզման ձեր՝ Տխուր Պատկերի Ասպետը։ Եվ սրանց մեջտեղը ես ավելի քան երեք հարյուր անգամ դրել եմ հոգիս, կյանքս և աչքիս լույսը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXI== | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի և իր զինակիր Սանչո Պանսայի հետ ունեցած զրույցի և այլ եղելությունների մասին | ||
+ | |||
+ | |||
+ | Այդ ամենը վատ չէ, շարունակիր, ― ասաց դոն Կիխոտը։ ― Երբ դու տեղ հասար, ի՞նչ էր անում գեղեցկության թագուհին։ Երևի մարգարիտ էր շարում կամ ոսկի թելերով տոհմանշան էր գործում իր գերի ասպետի համար։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, պատասխանեց Սանչոն, ― նա հետևի բակում երկու ֆանեգա<ref>Սորուն մարմինների չափ (մոտավորապես 52 լիտր)։</ref> ցորեն էր մաղում։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, բայց նկատի առ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ցորենի հատիկները մարգարիտներ էին դառնում՝ դիպչելով նրա գեղեցիկ ձեռներին։ Բայց ասա՛ ինձ, եթե դու ուշ էր դարձրել, հատիկները ճերմա՞կ էին, թե՞ սև։ | ||
+ | |||
+ | ― Դեղին, ― պատասխանեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Հավատացնում եմ, ― ասաց դոն Կիխոտը, ― նրա ձեռքով մաղած ցորենից, անտարակույս, ճերմակ հաց դուրս կգա։ Բայց շարունակիր՝ երբ որ դու հանձնեցիր նրան իմ նամակը, համբուրե՞ց նամակս։ Թե՞ գլխին դրեց։ Թե՞ ուրիշ արարողություններ կատարեց, որ արժանի են իմ նամակին։ Ի՞նչ արեց։ | ||
+ | |||
+ | ― Երբ որ ես նրան մատուցեցի նամակը, նա ժրաջան թափահարում էր մաղը, որի մեջ բավական ցորեն կար։ Նա ասաց՝ դրեք, բարեկամս, այնտեղ՝ ջվալի վրա, ես կարդալու միջոց չունեմ, մինչև որ այս ամենը չմաղեմ։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, իմաստուն տիրուհի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Նա կամեցել է կարդալ առանց շտապելու, որ լիուլի բավարարվի։ Շարունակիր, Սանչո, իսկ նրա այդչափ զբաղված միջոցին դուք ի՞նչ խոսակցություն ունեցաք։ Ի՞նչ հարց ու փորձ արավ ինձնից։ Դու նրան ի՞նչ պատասխանեցիր։ Ավարտիր, ամեն բան պատմիր՝ ոչինչ չթողնելով թանաքամանիդ տակը։ | ||
+ | |||
+ | ― Նա բան չհարցրեց, ― ասաց Սանչոն, ― բայց ես նրան պատմեցի, որ ձերդ ողորմածություը, ծառայելով նրան, ինքն իր վրա ապաշխարանք է դրել՝ թափառում է լեռներում մինչև գոտին մերկ վայրենիի նման, քնում է կոշտ հողի վրա, հացը առանց սուփրի է ուտոմ, միրուքը չի սանրում և լացով անիծում է բախտը։ | ||
+ | |||
+ | ― Որ ես անիծում եմ բախտս՝ այդ լավ չես արտահայտել, ― հակաճառեց դոն Կիխոտը, ― ընդհակառակը՝ ես օրհնում եմ բախտս և օրհնելու եմ կյանքիս բոլոր օրերը, որ ինձ երջանկություն են շնորհել սիրել այնպիսի բարձր մի տիրուհու, ինչպես Դուլսինեա Տոբոսցին է։ | ||
+ | |||
+ | ― Բարձր լինելը բարձր է, մի չորս մատ ինձնից բարձր կլինի, ― պատասխանեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե հասակդ նրա հետ չափել ես,<ref>Իրար հետ հասակ չափելը տարածված զվարճություն֊զբաղմունք էր ասպետական հասարակության մեջ։ Այստեղ տրվում է, որպես պարոդիայի մի գիծ։</ref> Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչպես եմ չափել, ― պատասխանեց Սանչոն, ― ես նրան օգնեցի, որ ցորենի ջվալը բեռնի էշին և կանգնեցի կողքին, այստեղ էլ նկատեցի, որ նա ինձնից մի թիզ բարձր է։ | ||
+ | |||
+ | ― Ճշմարիտ եմ ասում, ― ասաց դոն Կիխոտը, ― այդ բարձր հասակին ուղեկցում են, զարդարելով նրան, հազար ու բյուր հոգեկան նազելիություններ։ Սակայն մի բան դու չես ժխտի, Սանչո, երբ որ դու կանգնած էիր նրա կողքին, դու զգացած կլինեիր հաճելի հոտ, անուշ բույր, այնքան սքանչելի և բուրավետ մի բան, որ չի կարելի արտահայտել խոսքերով, ասես թե դու երևելի ձեռնոցակարի խանութում լինեիր։ | ||
+ | |||
+ | ― Միայն կասեմ որ, ― պատասխանեց Սանչոն, ― տղամարդու հոտ առա, երևի թե ուժգին շարժումից նա սաստիկ քրտնած էր։ | ||
+ | |||
+ | ― Այդ չի կարող պատահել, ― գոչեց դոն Կիխոտը։ ― Պարզապես դու հարբուխ ես ունեցել կամ թե չէ սեփական հոտդ ես առել։ Ես հո գիտեմ, թե ի՞նչ բույր ունի այդ վարդը փշերի մեջ, այդ հովտի շուշանը, այդ անուշահոտ հեղուկը։ | ||
+ | |||
+ | ― Հնարավոր է, ― պատասխանեց Սանչոն, ― ինձնից հաճախ այնպիսի հոտ է գալիս, ինչպիսին, թվաց ինձ, գալիս էր այն միջոցին նորին ողորմածություն տիրուհի Դուլսինեայից։ Զարմանալու բան էլ չկա՝ մեկ սատանան նման է մյուսին։ | ||
+ | |||
+ | ― Այսպիսով, ― շարունակեց դոն Կիխոտը, ― երբ որ նա ավարտեց ցորեն մաղելը և ուղարկեց ջրաղացը, ի՞նչ ասաց, նամակս կարդալուց հետո։ | ||
+ | |||
+ | ― Նա չի էլ կարդացել, ― պատասխանեց Սանչոն, ― նա հայտարարեց, ոչ կարդալ գիտե, ոչ գրել։ Նամակն առավ ու պատառոտեց, չկամենալով, որ մեկն ու մեկը կարդա և գյուղում իմանան իր գաղտնիքները։ Թե՝ բավական է իմ ասածը, այն ինչ ես խոսքերով հաղորդեցի ձերդ ողորմածության սիրո և զարմանալի ապաշխարանքի մասին, որ դուք նրա պատճառով դրել եք ձեր վրա։ Վերջումն էլ նա ինձ ասաց, որ ասեմ ձերդ ողորմածության, որ ինքը համբուրում է ձեր ձեռքը և որ իրեն համար ավելի ցանկալի կլիներ տեսնվել ձեզ հետ, քան ձեզ նամակ գրել։ Դրան ավելացրեց, որ աղերսում ու հրամայում է ձեզ, որ դուք իր պատասխանն ստանալու պես դուրս գաք այդ խորխորատներից, դադարեք հիմարություններ անելուց և շուտով Տոբոսո դառնաք, եթե միայն ավելի կարևոր բան ձեզ պահելու չլինի, որովհետև ինքը շատ կկամենար տեսնել ձերդ ողորմածությանը։ Նա շատ ծիծաղեց, երբ որ իրեն ասացի, որ ձերդ ողորմածությունն իրեն Տխուր Պատկերի Ասպետ է կոչում։ Ես հարցրի նրանից՝ եկե՞լ է նրա մոտ մեր բիսկայեցի բարեկամը։ Նա ասաց, որ եկել է և որ նա շատ լավ մարդ է։ Տաժանակիր աշխատանքի դատապարտվածներից էլ հարցրի, բայց նա պատասխանեց, որ մինչև հիմա նրանցից դեռ ոչ մեկին չի տեսել։ | ||
+ | |||
+ | ― Առայժմ ամեն ինչ լավ է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Բայց, ասա ինձ, ի՞նչ թանկարժեք իր նվիրեց քեզ հրաժեշտ տալուց, բերածդ լուրերի համար։ Չէ՞ որ տիկինների և թափառական ասպետների միջև հնուց արմատացած սովորույթ կա՝ զինակիրներին, բարեկամուհիներին կամ թզուկներին, որ լուր են բերում տիկիններից կավալերներին կամ կավալերներից՝ տիկիններին, սովորաբար թանկարժեք իրեր են նվիրում որպես պարգև առաքելության համար։ | ||
+ | |||
+ | ― Հնարավոր բան է։ Ըստ իս լավ սովորույթ էլ է։ Սակայն, ըստ երևույթին, հներում էր այդպես կատարվում, իսկ հիմա ընդունված է մի կտոր հաց ու պանիր նվիրել, այն կտորի նման, որ ցանկապատի վրայով ինձ պարզեց տիրուհի Դուլսինեան, երբ որ ես իրեն մնաս բարով էի ասում։ Կարող եմ ավելացնել, որ պանիրը ոչխարի էր։ | ||
+ | |||
+ | ― Նա սովորաբար առատաձեռն է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Երևի այդ վայրկյանին ձեռքի տակ թանկագին իրեր չեն եղել, դրա համար էլ չի տվել քեզ։ Ասենք՝ թևքերը զատկից հետո էլ պետքական են լինում։<ref>Առած է՝ այն իմաստով, որ «տոնից հետո էլ նվերը վատ բան չէ»։ Նվերները (ինչպես և կաշառքը) հաճախ բերում էին թևքերի մեջ, որոնք այն ժամանակ չափազանց լայն էին արվում և մասամբ փոխարինում էին գրպաններին։</ref> Ես կտեսնեմ նրան և դու բավարարված կլինես։ Սակայն գիտե՞ս ինչն է զարմացնում ինձ, Սանչո։ Ինձ թվում է, թե դու օդով թռար այնտեղ և ետ դառար՝ չէ՞ որ դու երեք օրից քիչ ավել ժամանակամիջոցում գնացիր Տոբոսո և վերադարձար, իսկ ճանապարհը ― երեսուն մղոնից ավել է։ Դրանից ես հետևցնում եմ, որ իմաստուն մոգը, որ հոգ է տանում իմ մասին և հովանավորում ինձ (իսկ այդ տեսակ մեկը ես ունեմ և պետք է որ ունենամ, այլապես իսկական թափառական ասպետ չէի լինի), ահա՛ այդ մոգը, երևի, օգնել է, որ ճամփան կտրես, իսկ դու չես էլ նկատել։ Այդ հաճախ է պատահում, որ որևէ իմաստուն մոգ տանում է իր անկողնում քնած թափառական ասպետին, որ առավոտյան արթնանում է և ինքն էլ չի իմանում, թե ինչպես և ինչ կերպով է հազար մղոն հեռու ընկել այն տեղից, որտեղ քնել էր։ Այո՛, առանց դրան թափառական ասպետները չէին կարող իրար վտանգների պահին օգնության հասնել, ինչպես նրանք անում են ամեն քայլափոխում։ Որովհետև երբեմն պատահում է, որ նույն միջոցին, երբ մեկը մարտնչում է Հայաստանի լեռներում որևիցե անդրիակի դեմ՝ դաժան մի հրեշի, կամ մի այլ ասպետի դեմ ― հանկարծակի, կռվի ամենատաք միջոցին, մահացու վտանգի վայրկյանին, մին էլ տեսար ամպի վրա կամ հրեղեն կառքով հանդես է գալիս նրա բարեկամ ասպետը, որ մինչ այդ Անգլիայում էր և օգնության հասնելով՝ փրկում է նրան մահից։ Իսկ իրիկնադեմին ― արդեն իր տանն է և հանգիստ կերպով ընթրում է։ Մինչդեռ մի տեղից մյուսը երկու կամ երեք հազար մղոնից պակաս չէ։ Եվ այդ ամենը այդ իմաստուն կախարդների գիտությունից ու արվեստից է, նրանք հսկում են արի ասպետներին։ Ուստի, Սանչո բարեկամս, ես չեմ դժվարանում հավատ ընծայել, որ դու կարող էիր այդքան կարճ ժամանակամիջոցում Տոբոսոյում եղած լինել և վերադառնալ, որովհետև, ինչպես ես արդեն ասացի, իմ իմաստուն հովանավորներից մեկն ու մեկը փոխադրած կլինի քեզ օդով, իսկ դու այդ չես էլ նկատել։ | ||
+ | |||
+ | ― Կարող է պատահել, ― ասաց Սանչոն, ― Աստված վկա, որովհետև Ռոսինանտը վազում էր ինչպես գնչուի էշ, կամ ոնց որ ականջների մեջ սնդիկ լցրած լիներ։<ref>Ձիու առևտրով զբաղվող գնչուները ձիու ականջների մեջ սնդիկ էին ածում, որ նրանք ավելի արագ վազեն։</ref> | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ սնդիկ, ի՜նչ բան, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը։ ― Նրա ականջներում սատանաների մի ամբողջ զորք է եղել։ Չէ՞ որ այդ ջինսը ինքն էլ է առանց հոգնելու սուրում, ուրիշներին էլ սուրալ տալիս, ինչքան որ իրենց խելքին փչի։ Բայց թողնենք այդ։ Քո կարծիքով, ես ի՞նչ պիտի անեմ, քանի որ իմ տիրուհին հրամայում է ներկայանամ իրեն։ Մի կողմից՝ ես պարտավոր եմ կատարելու նրա հրամանը, մյուս կողմից՝ այդ անհնար է, որովհետև ես մեր ետևից եկող իշխանուհուն երդում եմ տվել, իսկ ասպետության օրենքը պատվիրում է նախ կատարել տված խոսքը, ապա թե սեփական հաճույքի մասին խորհել։ Ինձ հալածում ու տոչորում է իմ տիրուհուն տեսնելու ցանկությունը և միաժամանակ քաշում ու կոչում է պատվի պարտքս և ծարավս սկսած գործս փառքով ավարտելու։ Սակայն ահա թե ինչ եմ վճռել ես՝ ես կփութամ հասնել այն հսկային, ձեռաց կքաշեմ նրա գլուխը, իշխանուհուն ապահով կհաստատեմ իր տիրության մեջ և իսկույն շեշտակի կնետվեմ դեպի նա, որի լույսը սփռվել է իմ զգացմունքների վրա։ Իհարկե, ես կկարողանամ արդարանալ նրա առջև, նա նույնիսկ հավանություն կտա իմ հապաղումին, որովհետև դա կծառայի նրա պատվի և փառքի ավելացմանը։ Որովհետև ինչի էլ ես հասնելու լինեմ, հասնում եմ և կհասնեմ այս կյանքում իմ թրով, և այս ամենը բխում է միմիայն նրա բարեհաճությունից, որ նա թույլ է տալիս ինձ իր ստրուկը լինելու։ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, ձերդ ողորմածություն, ― բացականչեց Սանչոն, ― ի՜նչ վատ գլուխ եք ունեցել դուք։ Դե, ասացեք, տեր իմ, մի՞թե ձերդ ողորմածությունը մտածում է դատարկ տեղը անել այդ ճամփորդությունը և կամովին բաց թողնել այսքան նշանավոր, այսքան հարուստ մի ամուսնություն, որ ներկայանում է ձեզ, որ իբրև օժիտ բերում է ձեզ մի ամբողջ թագավորություն, որ, ազնիվ խոսք, շուրջ քսան հազար մղոն տարածություն է բռնում և որ առատ է կյանքի համար անհրաժեշտ բոլոր բարիքներով և որ ավելի մեծ է, քան Պորտուգալին և Կաստիլիան միասին։ Սուս արեք, ի սեր Աստծո, ավելի լավ է ամաչեք ձեր խոսքերից և հետևեք իմ խորհրդին և ― հավատացեք ինձ ― անհապաղ ամուսնացեք առաջին իսկ ավանում, որտեղ քահանա գտնվի, թե չէ մեր լիցենցիատն էլ փառավորապես կպսակի։ Նկատի առեք, որ ես հասել եմ այն հասակին, որ կարող եմ խորհուրդներ տալ և տվածս խորհուրդը ձեզ սազում է ձեռնոցի պես։ Ավելի լավ է ճնճղուկը ձեռքում, քան ուրուրը երկնքում։ Ով որ ունի լավը և ընտրում է վատը, եթե նրա համար վատ չլինի, թող ուրիշներից գանգատավոր լինի։<ref>Սանչոն, ինչպես այդ հաճախ է պատահում իր հետ, աղավաղում է առածը, որի վերջին մասն այսպես է ասում․ «Եթե իր համար վատ է, թող իրենից գանգատավոր լինի։</ref> | ||
+ | |||
+ | ― Լսի՛ր, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― եթե դու ինձ միմիայն նրա համար ես խորհուրդ տալիս ամուսնանալ, որպեսզի ես, հսկային սպանելուց հետո շուտով թագավոր դառնամ և կարողանամ կատարել տվածս խոստումը, թափել վրադ շնորհներ, ապա իմացած եղիր, որ ես առանց ամուսնության էլ շատ հեշտ կարող եմ բավարարել քո ցանկությունը։ Որովհետև պայքարի մեջ մտնելուց առաջ ես պայման կկնքեմ, ըստ որում իմ հաղթության դեպքում թագավորության կեսը տան ինձ, անգամ եթե ես չկամենամ իշխանուհուն առնել և այն ժամանակ ես կարող կլինեմ այդ կեսը նվիրել ում որ կամենամ։ Իսկ երբ որ ստանամ ― էլ ո՞ւմ պիտի նվիրեմ, եթե ոչ քեզ։ | ||
+ | |||
+ | ― Պարզ բան է, ― պատասխանեց Սանչոն։ ― Սակայն հոգ տարեք դուք, ձերդ ողորմածություն, որ այդ կեսը ծովեզրյա լինի, որովհետև եթե ինձ այն տեղերը դուր գալու չլինեն, ես իմ հպատակ֊նեգրերին նավ կբառնամ և նրանց հետ կանեմ այն, ինչ որ առաջ ասել եմ։ Հոգ միք տանի, ձերդ ողորմածություն, ներկայիս տիրուհի Դուլսինեայի մոտ գնալու, այլ իսկույն ևեթ գնացեք հսկային սպանելու, և վերջացնենք այդ գործը։ Որովհետև, Աստված վկա, ես այն կարծիքին եմ, որ մենք դրանից մեծ պատիվ և շատ օգուտ կքաղենք։ | ||
+ | |||
+ | ― Դու արդարացի ես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Կրկնում եմ, որ ես կհետևեմ քո խորհրդին՝ նախքան Դուլսինեային ներկայանալը գնալ իշխանուհու հետ։ Սակայն խնդրում եմ ոչ ոքի չասես, անգամ մեր ուղեկիցներին, թե մենք ինչ որոշումի ենք հանգել։ Որովհետև Դուլսինեան այնքան շրջահայաց է, որ չի կամենում, որ իր մտքերն իմանան, հարմար չէ, որ իմ կամ մի ուրիշի միջոցով իմացվեն։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ապա ինչո՞ւ ձերդ ողորմածությունը կարգադրում է տիրուհի Դուլսինեային ներկայանալու բոլորին, ովքեր հաղթահարված են ձեր ձեռքով։ Չի՞ հաստատում դա արդյոք և նման չէ՞ ձեր անունը ստորագրելուն, թե դուք նրան սիրում եք և թե նա ձեր սիրուհին է։ Ստիպելով, որ հաղթվածները գնան չոքեն նրա առջև և ասեն իրեն, որ ձեր կողմից են գալիս՝ բերելու իրենց հնազանդությունը, ապա ինչպե՞ս եք կամենում ծածկել ձեր ընդհանուր մտքերը։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ինչ պարզամիտն ու անփորձն ես դու, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե դու չես տեսնում, որ այդ ամենը նպաստում են նրա առավել մեծ փառքին։ Իմացած լինես, որ մեր ասպետական սովորություններով տիկնոջ համար մեծ պատիվ է, երբ որ նրան շատ թափառական ասպետներ են ծառայում, և այլ բան չեն խորհում, բայց եթե ծառայել նրան, առանց ակնկալելու այլ վարձատրություն իրենց լավ ծառայության համար, քան եթե նրա կողմից ընդունված լինել իրենց լավ ծառայության համար, քան եթե նրա կողմից ընդունված լինել իր կավալերների շարքը։ | ||
+ | |||
+ | ― Ես լսել եմ մեր քահանայի քարոզը, ― պատասխանեց Սանչոն, ― թե նման սիրով պետք է տեր Աստծուն սիրել միմիայն նրա համար, առանց պարգևի հույսի և առանց պատժի ահի։ Թե ինձնից հարցնելու լինես՝ ես կուզենայի նրան սիրել և ծառայել որևէ բանի համար։ | ||
+ | |||
+ | ― Սատանան տանի բռի մարդկանց, ― ասաց դոն Կիխոտը, ― մեկ֊մեկ դու այնպիսի բաներ ես ասում, որ մարդ ստիպված է լինում կարծել, թե դու ուսում ես առել։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես, Աստված վկա, կարդալ էլ չգիտեմ, ― վրա բերեց Սանչոն։ | ||
+ | |||
+ | Այդ րոպեին վարպետ Նիկոլասը ձայն տվեց, որ նրանք կանգ առնեն, որովհետև խումբը որոշել էր հանգիստ առնել մի փոքրիկ աղբյուրի մոտ, որ ճամփի վրա էր։ Դոն Կիխոտը մոտեցավ մյուսներին։ Սանչոն շատ գոհ մնաց, որովհետև երկար ժամանակ սուտ էր ասում և վախենում էր ամեն վայրկյան, որ կբռնվի, որովհետև նա թեև գիտեր, թե Դուլսինեան տոբոսցի գեղջկուհի է, բայց նրան իրեն օրում տեսած չկար։ Այդ ժամանակամիջոցում Կարդենիոն հագել էր Դորոթեայի հանած շորը, որ թեև շատ էլ լավը չէր, բայց դարձյալ իր ցնցոտիներից լավ էր։ Ամենքը վեր եկան աղբյուրի մոտ և հագեցրին իրենց տանջող քաղցը՝ ուտելով այն, ինչ որ քահանային հաջողել էր ճարել պանդոկում։ | ||
+ | |||
+ | Մինչդեռ նրանք ուտում էին, մի տղա անցավ ճամփով, որ կանգ առավ, որպեսզի ուշադրությամբ զննի, թե ովքեր են նստած աղբյուրի մոտ։ Ապա, նկատելով դոն Կիխոտին, նա վազելով մոտեցավ և, գրկելով նրա ծնկները, սկսեց լալ՝ ասելով․ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, սինյոր, մի՞թե դուք չեք ճանաչում ինձ։ Ես այն փոքրիկ Անդրեասն եմ, որին կապկպել էին կաղնու ծառից և որին ձերդ ողորմածությունը արձակեց։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը ճանաչեց նրան, բռնեց նրա ձեռքից և, դառնալով ներկա եղողներին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հիմա, սինյորներ, դուք կարող եք համոզվել, թե որքան կարևոր են թափառական ասպետները աշխարհին։ Նրանք են վերականգնում արդարությունը և վրեժ առնում սրիկա և անառակ մարդկանց հասցրած վիրավորանքների համար։ Իմացած եղեք, սինյորներ, մոտ օրերս, անցնելով այս անտառից, ես լսեցի ճիչ ու հեծկլտանք, կարծես թե չարչարում ու տանջում էին։ Մղված պատասխանատվությանս զգացմունքից՝ ես վազեցի դեպի այն տեղը, որտեղից գալիս էին այդ աղաղակները և տեսա կապած մի կաղնուց այս տղային։ Ես շատ ուրախ եմ, որ նա ձեր առջև է, որովհետև նա մի վկա է, որ թույլ չի տա մի բան սուտ ասեմ։ Նա կապված էր կաղնուց, գլխից մինչև գոտետեղին մերկ։ Նրա կողքին ես մի գյուղացի տեսա (որ, ինչպես հետո իմացա, իր տերն էր), որը գանակոծում էր նրան մադիանի սանձափոկով։ Ես նրանից հարցրի այդքան դժնի վարմունքի պատճառը։ Բռի գյուղացին ինձ պատասխանեց, թե պատժում է, որովհետև իր ծառան է, և նրա մեղքը ախմախություն չէ, այլ գողություն։ ― Չհավատաք, սինյոր, ― պատասխանեց տղան, ― նա ինձ գանահարում է, որովհետև ես խնդրում եմ իմ վարձը։ Տերը կամեցավ արդարանալ, սակայն ես նրա արդարացումը չընդունեցի։ Կարճ՝ ես հրամայեցի արձակել երիտասարդին և անպիտանից խոսք վերցրի, որ նա կտանի տղային տուն և կվճարի նրան մինչև վերջին ռեալը, տոկոսն էլ վրան։ Ճիշտ չէ՞ այս ամենը, Անդրես որդի։ Հիշո՞ւմ ես որքան ազդու պատվիրեցի ես նրան և ինչ խոնարհությամբ նա խոստացավ կատարել ամենը, ինչ որ ես հայտարարեցի, պատվիրեցի, կարգադրեցի։ Պատասխանիր, մի շփոթվիր ու մի վախիր։ Ասա այս սինյորներին ամենը, ինչ որ պատահել է, որպեսզի նրանք տեսնեն և գնահատեն, թե որքան օգտակար են լինում բանուկ ճանապարհների վրա թափառական ասպետները։ | ||
+ | |||
+ | ― Բոլորը, ինչ որ ասաց ձերդ ողորմածությունը, ― պատասխանեց ջահել տղան, ― ճշմարիտ է։ Սակայն գործը միանգամայն այլ կերպ շուռ եկավ, դուք չե՛ք էլ կարծի։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս այլ կերպ, ― հարցրեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե անպիտանը քեզ չի վճարել։ | ||
+ | |||
+ | ― Ոչ միայն չի վճարել, այլև հազիվ էիք դուք դուրս եկել անտառից և մենք մենակ մնացել, որ նա նորից ինձ կապեց միևնույն կաղնուց և այնքան խփեց զանգուի փոկով, որ ես սուրբ Բարդուղիմիոսի օրն ընկա՝ կաշիս քերթվեց։ Եվ յուրաքանչյուր հարված հասցնելիս նա կատակում էր՝ ծաղրելով ձերդ ողորմածությանը, և եթե ես այնքան տանջվելիս չլինեի, ինքս էլ կծիծաղեի նրա խոսքերի վրա։ Կարճ՝ նա ինձ այն օրը գցեց, որ ես մինչև օրս հիվանդանոցում պառկած եմ եղել, որպեսզի բժշկվեմ վերքերից, որ ինձ հասցրեց այդ անպիտան գյուղացին։ Այդ ամենի մեղքը ձերդ ողորմածությանն է, որովհետև եթե դուք ձեր ճամփով ընթացած լինեիք, առանց մեջ մտնելու, ուր որ ձեզ չեն կանչում, և առանց խառնվելու ուրիշի գործերին, իմ տերը կբավականանար մեկ կամ երկու տասնյակ հարվածով, ապա թե կարձակեր և կվճարեր իր պարտքը։ Սակայն ձերդ ողորմածությունը նրան այնքան անտեղի վիրավորեց և նրան այնքան վատ֊վատ բաներ ասաց, որ նա կատղեց։ Եվ, չկարողանալով ձեզնից վրեժ լուծել, երբ որ մենակ մնաց, նա ողջ կատաղությունը ինձ վրա թափեց, այնպես որ ես իմ օրում այլևս կարգին մարդու նման չեմ լինի։ | ||
+ | |||
+ | ― Վատ եղավ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ես գնացի։ Ես չպիտի գնայի, մինչև որ նա վճարեր։ Որովհետև ես, երկար փորձից պիտի իմացած լինեի, որ անպիտանը իր խոսքը չի պահի, եթե տեսնի, որ շահ չունի պահելու։ Սակայն դու պետք է մտաբերես, Անդրես, որ ես երդվեցի, եթե նա քեզ չվճարի, ապա ես կվերադառնամ նրա ետևից և կգտնեմ նրան, անգամ եթե նա կետ ձկան որովայնում թաքնված լինի։ | ||
+ | |||
+ | ― Այդ ճիշտ է, ― պատասխանեց Անդրեսը, ― սակայն դրանից բան դուրս չեկավ։ | ||
+ | |||
+ | ― Դու կտեսնես՝ մի բան դուրս կգա, թե ոչ։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերի վրա դոն Կիխոտը վեր կացավ և պատվիրեց Սանչոյին թամքել Ռոսինանտին, որ նրանց հաց ուտելու միջոցին արածում էր։ | ||
+ | |||
+ | Դորոթեան հարցրեց դոն Կիխոտից, թե նա ինչ է մտադիր անելու։ Նա պատասխանեց, թե մտադիր է գնալու, որ գտնի գյուղացուն, պատժելու նրա խոստարաության համար և վճարել տալ Անդրեսին մարավեդիսը՝ աշխարհիս բոլոր անպիտանների ջիգրու։ Դորոթեան նրան պատասխանեց, թե համաձայն նրա տված խոստմանը, նա ոչ մի բան չպիտի ձեռնարկի, մինչև իր գործը չդրստի, այնպես որ նա պիտի խաղաղացնի իր սրտի շարժումները մինչև իր թագավորության հետ վերադարձնելը։ | ||
+ | |||
+ | ― Դուք արդարացի եք, ― ասաց դոն Կիխոտը։ ― Պետք է որ Անդրեսը համբերի։ Ես մեկ էլ խոսք տալիս, որ չեմ հանգստանա, մինչև որ նրա վրեժը չլուծեմ և վճարել չտամ նրան։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ երդումը բանի տեղ չեմ դնում, ― ասաց Անդրեսը, ― ես աշխարհիս բոլոր վրեժխնդրությանը կնախընտրեի, որ այս րոպեիս միջոց ունենայի Սևիլյա հասնելու։ Տվեք ինձ մի բան, թե ունեք և Տերն ընդ ձեզ, թափառական ասպետների։ Թող նրանց բախտը իրենց համար նույնքան բերի, ինչքան ինձ համար բերեց։ | ||
+ | |||
+ | Սանչոն իր պարկից հանեց հաց ու պանիր և, տալով տղային, ասաց նրան․ | ||
+ | |||
+ | ― Վերցրեք, Անդրես որդիս, մենք ամենքս ցավակցում ենք ձեզ ձեր դժբախտության համար։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ չափով եք ցավակցում, ― հարցրեց Անդրեսը։ | ||
+ | |||
+ | ― Այս քեզ տված հաց ու պանրի չափ, որ Աստված միայն գիտե՝ տալու է մեզ, թե ոչ, որովհետև թափառական ասպետների զինակիրները ենթակա են սովի, աղետների և այլ անհարմարությունների, որ ավելի դյուրին է կրել, քան պատմել։ | ||
+ | |||
+ | Անդրեսը վերցրեց հաց ու պանիրը և, տեսնելով, որ այլևս ոչ ոք նրան բան չի տալիս, գլուխը քաշ շարունակեց իր ուղին։ Միայն դոն Կիխոտին հրաժեշտ տալով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ի սեր Աստծու, սինյոր թափառական ասպետ, եթե դուք մի անգամ էլ ինձ հանդիպելու լինեք, անգամ եթե ինձ կտոր֊կտոր անելիս էլ տեսնեք՝ մի օգնեցեք և թողեք մնամ դժբախտությանս մեջ, որովհետև նա չի կարող այնքան մեծ լինել, որքան այն, որ կթափվի վրաս ձեր օգնությունից։ Աստված անիծի ձեզ և աշխարհիս երեսին եղած բոլոր թափառական ասպետներին։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը ուզում էր վեր կենա, որ պատժի նրա հանդգնությունը, սակայն Անդրեսը այնպես էր վազ տալիս, որ ոչ ոք ցանկություն չունեցավ նրան հետապնդել։ Դոն Կիխոտը սաստիկ շփոթված էր Անդրեսի պատմությունից, իսկ մնացածները մեծ ճիգ ու ջանքով աշխատում էին չփռթկալ, որ նրան ավելի ևս չշփոթեցնեն։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXII== | ||
+ | |||
+ | Ուր պատմվում է, թե ինչ պատահեց դոն Կիխոտի ամբողջ խմբին իջևանում | ||
+ | |||
+ | |||
+ | Ճաշ անելուց հետո խումբը ճամփա ընկավ և առանց հիշատակության որևէ պատահարի հետևյալ օրը հասավ Սանչոյի ահ ու զար իջևանին։ Սանչոն կգերադասեր խուսափել ներս մտնելուց, սակայն այն նրան չհաջողվեց։ Պանդոկի տերը, տիրուհին, նրանց աղջիկն ու Մարիտորնեսը, տեսնելով դոն Կիխոտին ու Սանչոյին, ընդառաջ վազեցին, բարձրաձայն արտահայտելով իրենց ուրախությունը։ Մեր ասպետը նրանց ընդունեց ծանր ու զուսպ՝ խնդրելով նրանցից, որ իրեն տան ավելի լավ անկողին, քան անցյալ անգամ։ Պանդոկապանուհին պատասխանեց, որ եթե նա ավելի լավ վճարելու լինի, իշխանական անկողին կունենա։ Դոն Կիխոտը համաձայնեց, և նրա համար պատրաստեցին մի բավական տանելի անկողին, նույն տեղը, որ նախընթաց անգամ գրավել էր նա։ Նա իսկույն ևեթ պառկեց, որովհետև սաստիկ հոգնած էր և միտքը մռայլ։ | ||
+ | |||
+ | Հազիվ էր նա փակել իր սենյակի դուռը, երբ պանդոկապանուհին մոտեցավ դալլաքին և, բռնելով նրա միրուքից ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ազնիվ խոսք, ես թույլ չեմ տա, որ դուք իմ կովի պոչից ձեզ համար միրուք շինեք։ Իսկույն ևեթ ետ տվեք։ Թե չէ մարդուս իքը․․․ ասել կուզե՝ սանրը, որ ես սովորաբար կախում եմ այդ պոչից, ամոթ է ասել, ընկած է հատակի վրա։ | ||
+ | |||
+ | Դալլաքը չէր ուզում վերադարձնել, իսկ պանդոկապանուհին քաշում էր, որքան ուժը պատում էր։ Սակայն լիցենցիատը կարգադրեց որ տա, ասելով, թե նա այլևս կարիք չունի այդ փեշակը բանեցնելու և որ նա կարող է դիմակազերծ լինել և ցուցադրել իր իսկական կերպարանքը, իսկ դոն Կիխոտին ասել, թե տաժանակիր աշխատանքի դատապարտվածների ձեռքով կողոպտվելուց հետո նա փրկվել է այս պանդոկում։ Իսկ եթե դոն Կիխոտը հարցնելու լինի, թե որտեղ է իշխանուհու զինակիրը, նրան կպատասխանեն, որ նախապես ճամփա է գցված, որպեսզի լուր տա թագավորության մեջ, թե շուտով կգա իշխանուհին իր փրկչի հետ միասին։ Դրանից հետո դալլաքը սիրով տվեց պանդոկապանուհուն եզան պոչը և բոլոր այն առարկաները, որ վերցրել էր նրանից դոն Կիխոտին փրկելու համար։ | ||
+ | |||
+ | Բոլոր իջևանում գտնվողները զարմացած էին մնացել Դորոթեայի գեղեցկությունից, ինչպես և երիտասարդ հովիվ Կարդենիոյի սիրուն արտաքինից։ Քահանան զբաղվեց հացի պատրաստություն տեսնելով, և պանդոկապանը, հուսալով ավելի լավ վարձատրություն ստանալ, քան անցյալ անգամ, նրանց համար պատրաստեց բավական լավ ճաշ։ Այս ամբողջ միջոցին դոն Կիխոտը քնած էր, և նրանք վճռեցին չզարթնեցնել նրան, որովհետև նրանք այն կարծիքին էին, թե այդ պահին նրա համար քունը ավելի օգտակար է, քան կերակուրը։ Ճաշի միջոցին պանդոկապանի, նրա կնոջ, աղջկա, Մարիտորնեսի և բոլոր ճամբորդների ներկայությամբ խոսք բացվեց դոն Կիխոտի տարօրինակ խելագարության մասին և թե ինչպես կարողացան նրան գտնել։ Պանդոկապանուհին պատմեց այն ամենը, ինչ որ եղել էր դոն Կիխոտի և ջորեպանների միջև և, տեսնելով, որ Սանչոն ներկա չէ, պատմեց, թե ինչպես նրան վերմակի վրա վեր֊վեր գցեցին, մի բան, որ մեծ զվարճություն պատճառեց բոլոր հասարակությանը։ Եվ, երբ որ քահանան ավելացրեց, թե դոն Կիխոտի գլուխը խառնվել է ասպետական գրքերի ընթերցանությունից, պանդոկապետը նկատեց․ | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում, թե ինչպես կարող է այդ պատահել, որովհետև, ճշմարիտ խոսք, իմ կարծիքով, աշխարհիս երեսին ավելի լավ ընթերցանության գրքեր չկան։ Այլևայլ թղթերի մեջ ես երկու֊երեք հատ ունեմ այդ գրքերից և, ճիշտն ասած, նրանք կյանք են տվել ոչ միայն ինձ, այլև շատ ուրիշներին։ Որովհետև երբ որ հունձի ժամանակը հասնում է, տոն օրերին հավաքվում են այստեղ բազմաթիվ հնձվորներ, որոնց մեջ միշտ մի գրագետ մեկը գտնվում է։ Նա վերցնում է մեկն ու մեկը այդ գրքերից, և մենք երեսունից ավելի հոգով բոլորում ենք նրա շուրջը և այնպիսի հաճույքով ենք ունկնդրում նրան, որ մեր գլխից հազար ճերմակ մազ է պակսում։ Գալով ինձ՝ ես ձեզ կասեմ, թե երբ որ ես լսում եմ կատաղի և սարսափելի հարվածների մասին, որ հասցնում են թափառական ասպետները, իմ մեջ էլ է ցանկություն ծագում նույնն անելու, և ես կլսեի այդ ընթերցանությունը գիշեր֊ցերեկ։ | ||
+ | |||
+ | ― Ես է՛լ, ― ասաց նրա կինը, ― որովհետև ես տանը մի վայրկյան հանգիստ չունեմ, բացի այն ժամանակից, երբ որ դուք ընթերցանություն եք լսում․ դուք այնքան եք զմայլված լինում, որ մոռանում եք բղավելը։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, ― ասաց Մարիտորնեսը, ― ազնիվ խոսք, ես էլ եմ հաճույք ստանում լսելուց, երբ որ կարդում են այդ պատմությունները, որ այնքան գեղեցիկ են, մանավանդ, երբ պատմվում է, թե մի տիկին նարինջենիների տակ իր կավալերի գրկում է, մինչդեռ պառավ նաժիշտը հսկում է, նախանձից ու ահից մեռնելով։ Ինձ համար դա ոնց որ մեղր լինի։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դուք, սինյորիտա, ― դարձավ քահանան պանդոկապանի աղջկան, ― ի՞նչ կարծիքի եք դրա մասին։ | ||
+ | |||
+ | ― Ես իմ հոգիս, սինյոր, ― պատասխանեց նա, ― չգիտեմ։ Ես լսում եմ, թեև, ճիշտն ասած, բան չեմ հասկանում, բայց բավականություն եմ ստանում լսելուց։ Սակայն ինձ դուր չեն գալիս այն հարվածները, որ այնքան հավանում է իմ հայրը։ Ես ավելի եմ սիրում գանգատները, որ անում են ասպետները իրենց տիկինների բացակայության միջոցին։ Ճշմարիտ խոսք, երբեմն ես լաց եմ լինում ցավակցությունից։ | ||
+ | |||
+ | ― Եթե նրանք ձեզ համար լաց եղած լինեին, սինյորիտա, ― ասաց Դորոթեան, ― դուք կգայի՞ք և կսփոփեի՞ք նրանց։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, թե ինչ կանեի ես, ― պատասխանեց աղջիկը, ― մի բան գիտեմ միայն՝ այդ տիկիններից ոմանք այնքան խստասիրտ են, որ ասպետները նրանց անվանում են վագրուհի, առյուծուհի և այլ գեշ անուններով։ Հիսուս Քրիստոս, այդ ի՞նչ կանայք են, անհոգի և անխիղճ, որ անուշադիր են թողնում պատվավոր մարդկանց, թողնում են, որ նրանք մեռնեն, կամ խելագարվեն։ Ես չգիտեմ, ինչի՞ է պետք նրանց նազ ծախելը՝ խոհեմությունի՞ց է արդյոք, որ մարդու գնան այդ ասպետներին, սակայն ասպետները ավել բան չեն խնդրում։ | ||
+ | |||
+ | ― Սուս, ախչի, ― ասաց պանդոկապանուհին, ― ասես թե շատ ես հասկանում այդ բաներից։ Փոքրիկ աղջիկը ոչ իմանա պիտի, ոչ էլ խոսի այդ բաներից։ | ||
+ | |||
+ | ― Քանի որ սինյորը հարցնում է ինձնից, ― պատասխանեց աղջիկը, ― ես պարտավոր եմ նրան պատասխանելու։ | ||
+ | |||
+ | ― Շատ բարի, ― ասաց քահանան, ― սինյոր պանդոկապան, բերեք, խնդրեմ այդ գրքերը՝ տեսնեմ։ | ||
+ | |||
+ | ― Սիրով, ― պատասխանեց պանդոկապանը։ Նա ներս մտավ իր սենյակը, այնտեղից դուրս բերեց մի փոքրիկ սնդուկ, շղթայով կապված, բաց արեց և միջից հանեց երեք մեծ գիրք և մի քանի պարզ ընթեռնելի ձեռագիր։ Առաջին բաց արած գիրքը Դոն Սիրոնխիլիս Թրակիացի֊ն էր, երկրորդը՝ Ֆելիսմարտե Հիրկանացի֊ն, իսկ երրորդը՝ Մեծ կապիտան Գոնսալո Հերնանդես կորդովցու պատմությունը Դիեգո Գարսիա դե Պարեդեսի կենսագրության հետ միասին։ Կարդալով առաջին երկու վերնագիրը՝ քահանան շուռ եկավ դեպի վարպետ Նիկոլասը և ասաց նրան․ | ||
+ | |||
+ | ― Մեզ պակասում է մեր բարեկամի տնտեսուհին և նրա քրոջ աղջիկը։ | ||
+ | |||
+ | ― Կարիք չկա, ― պատասխանեց դալլաքը, ― ես ինքս շատ լավ կտանեմ անասունների բակը կամ կգցեմ վառարանը, որի մեջ, ի դեպ, թեժ կրակ կա։ | ||
+ | |||
+ | ― Ինչպե՞ս թե, ― ասաց պանդոկապանը, ― դուք մտադիր եք իմ գրքերը այրելո՞ւ։ | ||
+ | |||
+ | ― Մենակ այս երկուսը՝ դոն Սիրոնխիլիոն և Ֆելիսմարտեն։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կա որ, ― վրա բերեց պանդոկապանը, ― այդ գրքերը հերետիկոսական են կամ հրաձգայի՞ն, ի՞նչ է։ | ||
+ | |||
+ | ― Դուք կամենում եք ասել հերձվածային, ― վրա բերեց վարպետ Նիկոլասը։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, ― ասաց պանդոկապանը, ― սակայն եթե դուք անպայման ուզում եք այրած լինել, ապա վերցրեք Մեծ Կապիտանը և Դիեգո Գարսիան, որովհետև ավելի շուտ ես իմ զավակներին կթողեմ այրեն, քան մնացածները։ | ||
+ | |||
+ | ― Եղբայրս, ― ասաց քահանան, ― այս երկու գիրքը ստախոս են և լի ցնդաբանությամբ, մինչդեռ Մեծ Կապիտանը ճշմարտապատում պատմություն է, որ պարունակում է Գոնցալո Հերնանդես դե Պարեդեսի կենսագրությունը, որը իր վեհ գործերով և փայլուն սխրագործություններով արժանացել է Մեծ Կապիտան անվանումին, հռչակավոր ու փայլուն մի անվանում, որ նրան է միայն արժանի։ Գալով Դիեգո դե Պարեդեսին՝ դա պատվելի մի ասպետ է, ծնված Էստրամադուրի Տրուխիլլոյում, արի զինվոր և այնպիսի զարմանալի ուժի տեր, որ մեկ մատով կանգհեցնում էր ջրաղացաքարը, երբ որ վերջինս ամբողջ թափով աշխատում է։ Մի անգամ, կամուրջի վրա կանգնած, զինված լինելով մեկ թրով, նա խանգարեց, որ ամբողջ մի զորք անցնի այդ կամուրջով։ Նա այնքան ուրիշ քաջագործություններ էլ է կատարել, որ եթե ինքը պատմած չլիներ իր մասին ազնվականի համեստությամբ և մի մարդու, որ ինքն է իր սեփական պատմաբանը, այլ մի ուրիշը նկարագրած լիներ, միանգամայն անկաշկանդ և անկողմնակալ, նրա քաջագործությունները մոռանալ կտային Հեկտորինը, Աքիլլեսինը և Ռոլանդինը։ | ||
+ | |||
+ | ― Այ քեզ հրաշք բան, ― պատասխանեց պանդոկապանը։ ― Ձեզ զարմացնում է մի ջրաղացի քար կանգնեցնե՞լը։ Աստված վկա, ձերդ ողորմածություն, արժե որ դուք կարդաք Ֆելիսմարտե Հիրկանացուն, որ թրի մի զարկով հինգ հսկա կես֊կես արեց, ոնց որ լորի, որոնցից երեխաները տիկնիկ են շինում։ Իսկ մի ուրիշ անգամ նա մեն֊մենակ հարձակվեց մի անթիվ զորքի վրա, բաղկացած ավելի քան մեկ միլիոն վեց հարյուր հազար զինվորից, բոլորը ոտից գլուխ զինված և նա փախուստի ենթարկեց նրանց, ինչպես ոչխարի հոտ։ Եվ ի՞նչ կասեք նմանապես Սիրոնխիլիո Թրակիացուց, որի մասին պատմությունը հաղորդում է, այլ քաջագործությունների թվում, թե մի անգամ, գետի վրա նավարկելիս, նա տեսավ, որ մի հրեղեն օձ դուրս եկավ ջրից, նա հարձակվեց օձի վրա, հեծավ վրան, սկսեց սեղմել նրա կոկորդը այնպիսի ուժով, որ օձը, զգալով, որ խեղդվում է, ուրիշ ճար չունեցավ, քան եթե ընկղմվել ջրի տակ, քաշ տալով հետը ասպետին, որ ոչ մի դեպքում չէր ուզում նրան բաց թողնել։ Եվ երբ որ նրանք ներքևում էին, ասպետը այնքան գեղեցիկ արքունիք և այգի մտավ, որ հրաշք բան էր։ Օձը կերպարանափոխվեց և մի ծերուկ դառավ ու այնպիսի բաներ բաց արավ, որ անկարելի է ասել։ Չէ, ի՞նչ եք ասում, սինյոր, եթե դուք այդ ամենը կարդացած լինեիք, հաճույքից ձեր խելքը կթռչեր։ Իսկ Մեծ Կապիտանի և Դիեգո Գարսիայի համար ես երկու թուզ էլ չէի տա։ | ||
+ | |||
+ | Դորոթեան, լսելով այդ խոսակցությունը, կամացուկ ասաց Կարդենիոյին․ | ||
+ | |||
+ | ― Մեր պանդոկապանին քիչ է պակասում, որ դոն Կիխոտի թայը դառնա։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ այդ կարծիքին, ― ասաց Կարդենիոն, ― որովհետև, ըստ այս խոսակցության, նա այդ գրքերում բոլոր նկարագրված բաները համարում է իրականություն, կատարված ոչ ավելի ոչ պակաս, քան նրանց մեջ ասված է և կարմելյան ոտաբոպիկ վարդապետն էլ չի կարող նրան համոզել հակառակը։<ref>Կուսակրոն հոգևորականների միաբանություն (օրդեն), որի անդամները հռչակվել էին իրենց խստաբարո կյանքով։</ref> | ||
+ | |||
+ | ― Սակայն ուշ դարձրեք, ― ասաց քահանան, ― եղբայր, երբեք գոյություն չի ունեցել ոչ Ֆելիսմարտե Հիրկանացին, ոչ դոն Սիրոնխիլիո Թրակիացին, ոչ էլ ուրիշ նման ասպետ, որոնց մասին պատմում են վեպերը։ Բոլոր այդ պատմությունները պատրանք են, որ պատկերել են պարապ մտքերը, ինչպես դուք ասացիք, ժամանակ սպանելու համար, ինչպես անում են մեր հնձվորները՝ կարդալով այդ հեքիաթները։ Որովհետև, կրկնում եմ և երդվում, աշխարհիս երեսին երբեք չեն ապրել ոչ նման ասպետներ, ոչ էլ նման ցնդաբանություններ են եղել։ | ||
+ | |||
+ | ― Ուրիշին ասացեք, ― պատասխանեց պանդոկապանը, ― կասես թե ես չգիտեմ՝ ձեռքիս վրա քանի մատ կա, կամ թե որ տեղն է կոշիկս սեղմում։ Ինձ ալրախառն կաթ խմացնելու կարիք չկա, ես հո երեխա չեմ։ Դուք շատ բարի եք՝ ինձ ասելով, որ այս գրքերի բոլոր պատմությունները սուտ և ապուշ բաներ են, մինչդեռ նրանք տպագրված են թագավորական խորհուրդի անդամների թույլատվությամբ, կարծես թե նրանք այնպիսի մարդիկ լինեն, որ թույլ տան տպագրել այնքան հեքիաթ, այնքն կռիվներ, այնքան կախարդանք, որ ընդունակ են մարդուս խելքահան անել։ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն ասացի ձեզ, բարեկամս, ― առարկեց քահանան, որ այդ արած է և թույլատրած է մեզ պարապ ժամանակ զվարճություն պատճառելու համար։ Եվ, ինչպես որ բարեկարգ պետություններում թույլատրված է լինում շախմատի, գնդակի կամ բիլիարդի խաղը զվարճանալ ցանկացողներին, ով որ չպետք է և չի կարող աշխատել, ճիշտ այնպես էլ թույլատրվում է վեպեր հրատարակել, որովհետև ենթադրվում է ― իրականության մեջ այդպես էլ լինում է, ― որ չի գտնվի այնպիսի մի տխմար, որ այդ պատմությունները ճշմարտության տեղ դնի։ Եթե ինձ թույլատրված լիներ և եթե իմ ընկնդիրները կամենային, ապա ես կասեի, թե ինչպես պետք է գրել, լավ ասպետական վեպեր, թերևս իմ խոսքերը շատերի համար և՛ օգտակար, և՛ հաճելի լինեին։ Սակայն ես հույս ունեմ, որ ժամանակով ինձ կհաջողի դրա մասին խոսել մարդկանց հետ, որոնք կարող են ցավը դարմանել, իսկ հիմա, սինյոր պանդոկապան, հավատացեք իմ խոսքերին։ Ահա ձեզ ձեր գրքերը, ինքներդ որոշեցեք, թե նրանցում ինչն է ճշմարիտ, ինչը սուտ, և թող այդ գրքերը ձեզ համար օգտավետ լինեն։ Աստված տա, որ դուք էլ չկաղեք նույն ոտով, ինչ որ ձեր կենվոր դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ես այդ գործում չկամ, ― ասաց պանդոկապանը, ― ես դեռ չեմ գժվել, որ թափառական ասպետ դառնամ։ Ես շատ լավ տեսնում եմ, որ հիմա այնպես չեն վարվում, ինչպես վաղ ժամանակ էին անում, երբ որ այդ փառապանծ ասպետները ման էին գալիս աշխարհով մեկ։ | ||
+ | |||
+ | Այս խոսակցության միջոցին ներս էր մտել Սանչոն։ Նա մնաց մտամոլոր ու շփոթ, երբ որ լսեց, որ այլևս թափառական ասպետներ չեն լինում և որ բոլոր ասպետական գրքերը ստի և խելագարության հյուսվածք են։ Եվ նա իր մեջ վճռեց սպասել, թե ինչով կավարտվի իր տիրոջ ճամփորդությունը, և եթե իր սպասածի չափ բարաբխտ վախճանի չհանգի՝ թողնել դոն Կիխոտին և վերադառնալ իր կնոջ, երեխաների մոտ և վերսկսել իր սովորական աշխատանքը։ Իսկ պանդոկապանն արդեն տանում էր սնդուկն ու գրքերը, որ քահանան ասաց նրան․ | ||
+ | |||
+ | ― Մի քիչ սպասեցեք, ես ուզում եմ տեսնել, թե ի՞նչ գեղեցիկ ձեռագրեր են դրանք։ | ||
+ | |||
+ | Պանդոկապանը տվեց նրան ձեռագրերը։ Դա մի տետր էր՝ մոտ ութ թերթից, վերնագիրը՝ անխոհեմ հետաքրքիրը, նորավեպ։ Քահանան մի քանի տող անցկացնելուց հետո ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այս նորավեպի վերնագիրը ես հավանում եմ, կուզենայի կարդալ ամբողջապես։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունը կարող է կարդալ, որովհետև նա մեծ հաճույք է պատճառել իմ հյուրերից մի քանիսին, որ կարդացել են և շատ խնդրել, որ տամ իրենց։ Սակայն ես չեմ կամեցել նրանց տված լինել, մտադիր լինելով վերադարձնել այս սնդուկի տիրոջը, որ մոռացել֊թողել է այստեղ և կարող է պատահել, որ մեկ էլ անցնի այստեղից, որովհետև թեև ես պանդոկապան եմ, բայց քրիստոնյա էլ եմ և թեև ես անկասկած ափսոսալու եմ այս գրքերից բաժանվելու համար, այնուհանդերձ կամենում եմ վերադարձնել։ | ||
+ | |||
+ | ― Դուք միանգամայն արդարացի եք, բարեկամ, ― ասաց քահանան, ― բայց եթե նորավեպը ինձ դուր գալու լինի, դուք առնվազն թույլ կտաք, որ ես պատճենը հանեմ։ | ||
+ | |||
+ | ― Ի բոլոր սրտե, ― պատասխանեց պանդոկապանը։ | ||
+ | |||
+ | Կարդենիոն արդեն վերցրել էր ձեռագիրը և կարդում էր։ Նա էլ քահանայի կարծիքին հանգեց և խնդրեց վերջինից, որ բարձր ձայնով կարդացվի։ | ||
+ | |||
+ | ― Ամենայն սիրով, ― պատասխանեց քահանան, ― բայց քնելու ժամանակ չէ՞ արդյոք։ | ||
+ | |||
+ | ― Այդ ընթերցանությունն ինձ համար հանգիստ կլինի, ― ասաց Դորոթեան, ― որովհետև միտքս բավականաչափ հանգիստ չէ, որպեսզի թույլ տա ինձ քնելու, թեև քնի կարոտ եմ։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ― ասաց քահանան, ― ես կբավարարեմ ձեր հետաքրքրությունը։ Թերևս հաճույք էլ ստանանք։ | ||
+ | |||
+ | Վարպետ Նիկոլասն ու Սանչոն միացան մյուսներին, որ համոզեն քահանային։ Քահանան էլ, տեսնելով, որ բոլորը փափագում են, ինչպես որ ինքը, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ուշադի՛ր եղեք բոլորդ, ես սկսում եմ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXIII== | ||
+ | |||
+ | Ուր պատմվում է անխոհեմ հետաքրքիրի վեպը | ||
+ | |||
+ | |||
+ | Ֆլորենցիայում, Իտալիայի հարուստ ու հռչակավոր քաղաքում, Տոսկանայի գավառում, երկու հարուստ ու անվանի ազնվականներ էին ապրում՝ Անսելմո և Լոտարիո, այնքան մտերիմ, որ բոլոր նրանց ծանոթները նրանց անունը դրել էին «երկու բարեկամ»։ Երկուսն էլ երիտասարդ էին, ամուրի, միևնույն հասակի, միատեսակ բնույթի և այդ համապատասխանությունը ավելի ևս նպաստում էր, որ նրանց մերձությունը ավելի սերտ լինի։ Անսելմոն ավելի եռանդուն սիրային հաճույք էր փնտրում, մինչդեռ Լոտարիոն նախընտրում էր որսը։ Սակայն հաճախ մարդիկ տեսնում էին, որ Անսելմոն զոհում էր իր ճաշակը Լոտարիոյին՝ անտառները հետևելու համար, և Լոտարիոն մոռանում էր որսը՝ Անսելմոյին հետևելու համար։ Այսպես համակերպվում էր նրանց կամքը, ինչպես լավ ստուգված ժամացույցի սլաքներն են միասին ընթանում։ | ||
+ | |||
+ | Անսելմոն խելահեղորեն սիրում էր մի օրիորդի նույն քաղաքից, այնքան գեղեցիկ, այնքան խոհեմ և այնպիսի լավ օջախից, որ Լոտարիոյի խորհուրդով, առանց որի նա երբեք գործ չէր բռնում, վճռեց նրա ծնողներից թույլտվություն խնդրել ամուսնանալու նրա հետ։ Լոտարիոն հանձն առավ այդ առաքելությունը և վարեց այնպիսի վարպետությամբ, որ կարճ ժամանակ հետո Անսելմոն տեսավ իրեն իր փափագած երջանկության տեր։ Կամիլան էլ, իր կողմից, այնքան գոհ էլ այդ ամուսնական միությունից, որ չէր դադարում գոհություն տալ Աստծուն, ապա Լոտարիոյին, որին նա պարտական էր այդ երջանկության համար։ Ամուսնության առաջին օրերին, որ սովորաբար նվիրված են լինում հարսանեկան տոնակատարության, Լոտարիոն շարունակում էր այցելել իր բարեկամին, ինչպես սովորույթն է, պատվելու նրան այնքան, որքան որ հնարավոր է։ Սակայն հենց որ հարսանիքն ավարտվեց և հյուրերի և շնորհավորողների թիվը նվազեց, Լոտարիոն սկսեց ավելի քիչ հաճախել (ինչպես յուրաքանչյուր խոհեմ մարդ կվարվեր), համոզված լինելով, որ չի կարելի ամուսնացած բարեկամների մոտ նույնքան ազատ գնալ֊գալ, ինչպես այդ լինում է ամուրի ժամանակ։ Որովհետև թեև բարի և իսկական բարեկամությունը չի կարող և չպետք է բնավ կասկած ունենա, այնուհանդերձ ամուսնու պատիվը այնքան փափկանկատ բան է, որ կարող է վիրավորված լինել անգամ եղբորից, ուր մնաց թե բարեկամից։ Անսելմոն իսկույն նկատեց Լոտարիոյի սառնությունը։ Նա գանգատվեց չարաչար և ասաց, որ երբեք չէր ամուսնանա, եթե իմանար, որ ամուսնությունը խոչընդոտ է հանդիսանալու նրանց սովորական հաճախումներին։ Որ եթե սերտ միության համար, որ իշխում էր նրանց միջև իրենց ամուրի ժամանակ, մարդիկ նրանց «երկու բարեկամ» անունն են տվել, ապա պետք չէ նրանցից մեկի զգուշավորության պատճառով կորցնել այդ մականունը, այնքան պատվաբեր ու գեղեցիկ։ Նա աղերսեց, եթե միայն բարեկամությունը թույլ է տալիս նման արտահայտություն, որ Լոտարիոն առաջվա պես լիակատար տեր լինի իր տանը, գա ու գնա առաջվա պես, հավատացնելով, որ իր ամուսինը՝ Կամիլան, այլ բավականություն ու ցանկություն չունի, քան եթե իր ներշնչածը և որ տեղեկանալով նրանց մտերմության մասին, նա էլ է զարմացած մնացել այդ սառնությունից։ Բոլոր այս փաստարկումներին, որ Անսելմոն բերում էր Լոտարիոյին համոզելու համար, որ առաջվա պես գնա֊գա իր մոտ, վերջինս պատասխանեց այնպիսի խոհեմությամբ, այնքան խելացի և զուսպ, որ Անսելմոն հավատաց նրա բարի միտումներին և նրանք պայմանավորվեցին, որ Լոտարիոն շաբաթը երկու անգամ և տոն օրերին գա ճաշի։ Սակայն չնայած այդ պայմանին, Լոտարոն վճռել էր, որ ոչինչ չպիտի անի, ինչ որ կարող է վնասել իր բարեկամի պատվին, որ իր սեփականից ավելի թանկ էր իր համար։ Լոտարիոն հաճախ ասում էր նրան ― և ուներ իրավունք, ― թե այն մարդը, որին երկինքը գեղեցիկ կին է շնորհել, խնամքով պիտի քննի բարեկամներին, որոնց ընդունում է իր տանը և կանանց, որոնց հետ շփվում է կինը, որովհետև այն, ինչ որ գլուխ չի գալիս եկեղեցիներում, հասարակական հրապարակներում կամ թե չէ ժողովրդական տոներին և ուխտագնացություններին (տեղեր, ուր մարդը չի կարող միշտ արգելել կնոջը գնալու) կարող է հեշտությամբ կատարվել բարեկամ կամ հավատարիմ կնոջ տանը։ Լոտարիոն ցուցադրում էր, թե որքան անհրաժեշտ է ամուսիններին ունենալ հավատարիմ բարեկամ, որ նախազգուշացներ նրանց տունը կառավարելու մեջ հնարավոր սխալներից, որովհետև հաճախ պատահում է, որ ամուսինները, կուրացած իրենց կանանց սիրուց և, վախենալով նրանց վշտացնել, օգնության չեն հասնում բարի խորհուրդով անել կամ չանել այս կամ այն բանը, որ կարող է վարկաբեկել իրենց պատիվը և առաջ բերել վիրավորանք։ Մինչդեռ այդ անփութության մասին բարեկամի կողմից նվազագույն նախազգուշացված լինելու դեպքում հեշտությամբ կարելի է դրանց առաջն առնել։ Սակայն որտեղի՞ց գտնել այդքան սրտաբաց, այդքան ուղղամիտ, այդքան ազնիվ բարեկամ, որ պահանջում է Լոտարիոն։ Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Լոտարիոն միայն կարող էր լինել, որ այնքան արթուն հսկում էր Անսելմոյի պատվին, որ այլևայլ պատրվակներով խուսափում, կրճատում ու սահմանափակում էր նրա մոտ գնալ֊գալը, որպեսզի պարապ ու չարամիտ մարդկանց տեղիք չտա չարախոսելու, տեսնելով որ մի հարուստ մարդ, ազնվական և հազար ու մի լավ հատկություններով օժտված, ինչպես իրեն էր թվում, հաճախում է Կամիլայի պես գեղեցիկ կնոջ տունը։ Եվ թեև տիկնոջ առաքինությունն ու համեստությունը կարող էին սանձահարել ամենաչարախոս լեզուները, այնուհանդերձ Լոտարիոն չէր կամենում նրա և իր բարեկամի պատիվն ու բարի անունը վտանգի ենթարկել։ Ուստի այն օրերը, երբ նա պիտի Անսելմոյի մոտ ճաշեր, հաճախ նա այլ գործով էր զբաղվում և հավատացնում էր, որ այդ գործերը՝ անհետաձգելի են։ Իսկ երբ բարեկամները հանդիպում էին, ապա ողջ ժամանակը գնում էր մեկի գանգատների և մյուսի արդարացումների վրա։ Մի անգամ, երբ որ նրանք քաղաքից դուրս զբոսնում էին դաշտում, Անսելմոն ասաց Լոտարիոյին․ | ||
+ | |||
+ | ― Դու, Լոտարիո, բարեկամս, անտարակույս, կարծում ես, որ ես պիտի հազար շնորհակալություն ուղղեմ Աստծուն, որ ծնվել եմ պատվավոր ծնողներից, որ ինձ վրա առատ ձեռքով թափվել են բնության բարիքները և հարստությունը։ Ես պակաս պարտական չեմ Աստծուն, որ նա ինձ քեզ պես բարեկամ է տվել և Կամիլայի պես կին։ Այդ բարիքները ես գնահատում եմ, եթե ոչ այն չափով, որքան ես պարտավոր եմ, ապա առնվազն այնչափ, որչափ ի վիճակի եմ։ Եվ ահա, բոլոր այս պարգևներով հանդերձ, որ սովորաբար կազմում են մարդկային ողջ երջանկությունը, ես աշխարհիս երեսին ամենից հիասթափված և դժբախտ մարդն եմ։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ է, ես տանջվում եմ մի ցանկությունից, որ այնքան տարօրինակ է, այնքան արտասովոր, որ ինքս ինձնից զարմանում եմ։ Ես պարսավում եմ ինքս ինձ և ուզում եմ ծածկել իմ սեփական մտքից, սակայն ինձ համար նույնքան դժվար է վերացնել նրան, որքան պատմել արար֊աշխարհին։ Բայց քանի որ, միևնույն է, ես չեմ կարողանա երկար ժամանակ ներփակել նրան իմ կրծքում, ես նախընտրում եմ հավատալ քո ազնվությանը, համոզված լինելով, որ ջանքը, որով քո բարեկամությունը կաշխատի բուժել նրան, շուտով կազատի ինձ ճնշող տագնապից և իմ խելագարության հասցրած ցավը կփոխվի գոհացումով, որ կտա ինձ քո հոգատարությունը։ | ||
+ | |||
+ | Լոտարիոն, զարմացած Անսելմոյի խոսքերից, չգիտեր, թե ինչով է ավարտվելու այս երկար առաջաբանը կամ ներածությունը։ Նա մտքով որոնում էր, թե ինչ ցանկություն կարող է ունենալ իր բարեկամը, սակայն չէր կարողանում գտնել։ Այդ տանջանքներին վերջ դնելու համար նա ասաց Անսելմոյին, որ անարդարացի է նրանց մտերիմ բարեկամության հանդեպ այդքան ոլորապտույտ ճամփաների դիմելը իր գաղտնի մտքերը բանալու համար, մինչդեռ նա պետք է վստահ լինի, որ կստանա խորհուրդ, թե ինչպես վարվի կամ օգնություն՝ բուժելու իր ցավերը։ | ||
+ | |||
+ | ― Դու արդարացի ես, ― պատասխանեց Անսելմոն, ― և դու սիրտ ես տալիս ինձ խոստովանելու, որ ինձ տանջող ցանկությունն է իմանալ՝ արդա՞րև Կամիլան այնքան լավ ու հավատարիմ կին է, ինչպես ես եմ կարծում։ Միակ միջոցը, որ կարող է ինձ համոզել, դա փորձելն է, այնպես որ նրա հավատարմությունը դրսևորվի, ինչպես կրակի միջոցով ճանաչվում է ոսկու որակը։ Որովհետև ես այն կարծիքին եմ, ով բարեկամ, որ կինը չի կարող լավ ու առաքինի կոչվել, եթե ենթարկված չի եղել փորձության։ Հավատարիմը նա է, որի սիրտը չեն շարժել սիրահարների խոստումները, նվերները, արցունքները և անընդհատ համառությունը։ Կարելի՞ է լավ համարել մի կնոջ, եթե ոչ ոք նրան տեղիք չի տվել լավ լինելու։ Մի՞թե զարմանալի է, որ կինը երկչոտ ու շրջահայաց է, եթե նրան տեղիք չեն տալիս ազատ վարվելու, կամ թե չէ, եթե գիտե, որ առաջին իսկ հանցանքի համար իր ամուսինը ընդունակ է սպանել նրան։ Չի կարելի համեմատել մի կնոջ, որ խոհեմ է երկյուղից կամ առիթ չլինելուց այն կնոջ հետ, որ ենթարկվել է փորձության, հետապնդումի և դուրս եկել պայքարից հաղթական պսակով։ Բոլոր այդ և ուրիշ շատ պատճառներով, որ ես կարող էի բերել իբրև արդարացում և հաստատում իմ կարծիքի, ես ցանկանում եմ, որ իմ կինը՝ Կամիլան անցնի այս փորձությունը, որ նա մաքրվի հրում թախանձնանքների և հետապնդումների մի մարդու, որ արժանի է նրա սիրուն։ Եթե, ինչպես ես հույս ունեմ, նա դուրս գա փառքով, ես կհամարեմ, որ երջանկությունն աննման է, իմ ցանկությունների անոթը լեփ֊լեցուն կլինի, ես կասեմ, որ բախտը ինձ առաքինի կին է տվել, որի մասին իմաստունն ասել է․ «Ո՞վ կգտնի նրան»։<ref>Իմաստուն ― Սողոմոն իմաստուն։ Մեջբերում նրա առակներից։</ref> Իսկ եթե այլ կերպ կատարվի, քան ես եմ կարծում, ճշմարտությունից հաղթահարված լինելու հաճույքը կթեթևացնի ցավը, որ պիտի պատճառի ինձ այսքան թանկ մի փորձ։ Հիմա, սիրելի Լոտարիո, ոչ մի առարկություն, որ դու կարող ես բերել, ընդունակ չի լինելու ինձ շեղել իմ ծրագրից․ միակ շնորհը, որ ես քեզնից խնդրելու եմ, դա այն է, որ դու քեզ տրամադրես, որպես գործիք այս գործում, իմ ցանկության առարկա։ Ես կընձեռեմ բոլոր միջոցները կատար ածելու, առանց մոռանալու մի բան, որ ընդունակ է շարժել մի պատվավոր, համեստ, հանգիստ ու անշահախնդիր կնոջ սիրտը։ Մի հանգամանք էլ, որի պատճառով ես վճռել եմ հատկապես քեզ ընտրել այս դժվարին ձեռնարկի համար այն է, որ եթե դու հաղթահարելու լինես Կամիլայի խոհեմությունը, ես ներքուստ համոզված եմ, որ դու չես կամենա անցնել սահմանը, այլ կատարված կհամարես այն, ինչ որ մարդկային հայացքով ագրելվում է անել։ Ես վիրավորված կլինեմ սոսկ մտադրությունից և իմ խայտառակությունը սղողված կլինի քո լռության ստվերների մեջ և լռությունդ, քանի որ ինձ է վերաբերում, պետք է լինի հավիտենական, ինչպես մահը։ Այսպիսով, բարեկամս, եթե դու կամենում ես, որ ես դեռևս վայելեմ այն, ինչ որ կարելի է կյանք անվանել, ապա դու պետք է փութաս սկսել այս սիրային պայքարը ո՛չ սառն ու դանդաղ, այլ տաք ու եռանդուն, ինչպես պահանջում է իմ ծրագիրը և իմ հավատը քո նկատմամբ ու բարեկամությունը, որ միացնում է մեզ։ | ||
+ | |||
+ | Այդպես ասաց Անսելմոն Լոտարիոյին, որ լսում էր նրան ուշի֊ուշով և բացի մեր մեջ բերած մի քանի խոսքից, շուրթը բաց չարեց, մինչև որ նա ավարտեց։ Իսկ երբ որ Անսելմոն վերջացրեց, Լոտարիոն երկար նայում էր նրան, ասես առաջին անգամն էր տեսնում և կարծես բարեկամի դեմքը նրան երկյուղ ու զարմանք էր ներշնչում։ Վերջապես նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարող համոզել ինքս ինձ, ո՜հ բարեկամ Անսելմո, որ քո ասածը կատակների մի հյուսվածք չէ։ Որովհետև եթե ես կարծեի, թե դու լուրջ ես խոսում, ապա ես կզգուշանայի քեզ ունկնդրելուց և այսպիսով վերջ կդնեի քո երկար ճառին։ Ես համոզված եմ, որ կամ դու ինձ չես ճանաչում, կամ ես չեմ ճանաչուն քեզ։ Սակայն ոչ, ես գիտեմ, որ դու Անսելմոն ես, դու էլ գիտես, որ ես Լոտարիոն եմ։ Սակայն ափսոս, որ դու առաջվա Անսելմոն չես և, երևի, կարծում ես, թե ես էլ չպիտի առաջվանը լինեմ, որովհետև այն, ինչ որ ինձ նոր ասացիր, չի կարող իմ բարեկամ Անսելմոյից ելնել և այն Լոտարիոյից, որին դու ճանաչել ես, դու նման ծառայություն չէիր կարող խնդրել։ Բարի բարեկամները փորձում են իրար, ինչպես պոետն է ասում, usque od aras,<ref>Ընդհուպ մինչև զոհասեղանները, այսինքն՝ քանի դեռ չի շոշափվում որևէ սրբություն։ Պլուտարքոսի կողմից Պերիկլեսին (որի մի բարեկամը թախանձագին խնդրել է նրան կեղծ ցուցմունք տալ երդմամբ) վերագրվող այս արտահայտությունն ըստ երևույթին Սերվանտեսը վերցրել է կողմնակի աղբյուրից։</ref> ասել կուզե, թե չի կարելի օգտագործել բարեկամին Աստծուն հակառակ գործերում։ Եթե այդ ճշմարտությունն ակնհայտ է եղել մի հեթանոսի համար, որքան ավելի ակնբախ պիտի լինի քրիստոնյայի համար, որ գիտե, թե ոչ մի սեր չպիտի մեզ աչքաթող անել տա մեր պարտականությունը Աստծո հանդեպ։ Եթե մարդ ընդունակ է մոռանալու իր պարտականությունը երկնքի նկատմամբ, որպեսզի միմիայն իր բարեկամով զբաղվի, դա պետք է առնվազն այն դեպքում, եթե նրան պատվի վարկաբեկում կամ կյանքի վտանգ սպառնալու լինի և ոչ թե չնչին և նշանակություն չունեցող մի բանի համար։ Ուստի, ասա ինձ, Անսելմո, ի՞նչ վտանգ է սպառնում քո պատվին կամ կյանքին, որպեսզի ես պարտավոր լինեմ քո խաթրը պահել, կատարելով այնքան զզվելի գործ, որ դու ինձնից պահանջում ես։ Իհարկե և ոչ մի վտանգ։ Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ դու խնդրում ես ինձնից զրկել քեզ և միաժամանակ ինձ պատվից և կյանքից։ Որովհետև զրկել քեզ պատվից նույնը չէ՞, թե զրկել կյանքից։ Չէ՞ որ պատվազուրկ մարդը մեռածից վատ է։ Եվ ես, ինչպես դու ես խնդրում, լինելով այնքան վատ մի գործիք, ինձ անպատված կնկատեմ և, հետևաբար, կարող եմ ինձ նաև մեռած համարել։ Լսիր ինձ, Անսելմո բարեկամ, համբերություն ունեցիր և մի պատասխանիր ինձ, մինչև որ ես չասեմ այն ամենը, ինչ որ կարծում եմ քո առաջարկի մասին՝ դու ժամանակ կունենաս ինձ առարկելու և ես՝ լսելու քեզ։ | ||
+ | |||
+ | ― Համաձայն եմ, ― ասաց Անսելմոն, ― քո ուզածն ասա՛։ | ||
+ | |||
+ | Լոտարիոն շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, Անսելմո, թե քո միտքը հիմա նման է մավրի մտքին, որին չի կարելի համոզել իրենց հավատի ստությունը ո՛չ սուրբ ավետարանի քաղվածքներով, ո՛չ բանական դատողությունների վրա հիմնված փաստարկներով, կամ հավատի դավանաբանությամբ։ Նրանց շոշափելի օրինակներ են հարկավոր՝ թեթև, դյուրըմբռնելի, առարկայական ու անհերքելի, մաթեմատիկական ապացույցներով, որոնց չի կարելի չհամաձայնել, հետևյալ օրինակի պես՝ <i>եթե երկու հավասար քանակից հանելու լինենք երկու հավասար մասեր, ապա մնացորդներն էլ հավասար կլինեն։</i> Եվ երբ նրանք այդ էլ չեն հասկանում (ինչպես հաճախ պատահում է), հարկ է լինում նրանց ցույց տալ ձեռներով, նրանց աչքը կոխել և վերջին հաշվով երբեք հնարավոր չի լինում նրանց համոզել մեր հավատի ճշմարտությունը։ Ես հարկադրված եմ նույն միջոցները գործադրել նաև քո նկատմամբ, որովհետև կիրքը այնքան է շփոթեցրել քեզ, և քո ցանկությունը այնքան հեռու է հիմնավոր լինելուց, որ ես ժամավաճառ կլինեի, եթե բացատրելու լինեի քո պարզամտությունը, ես այլ կերպ բացատրել չեմ կարող։ Եթե բարեկամությունը չլիներ, որ արգելում է ինձ խիստ վարվել և լքել քեզ քո գտնված բացահայտ վտանգավոր տեղում, ես կթողնեի, որ դու պատժվես քո ցնորքների և ցնդաբանության համար։ Մտիկ արա, Անսելմո, թե ի՜նչ ես խնդրում ինձնից։ Դու ուզում ես, որ ես սեր ներշնչեմ մի համեստ կնոջ, հրապուրեմ մի պատվավոր կնոջ, նվերներ տամ մի անշահասեր կնոջ, մի առաքինի կնոջ գլուխը տանեմ։ Այո՛, դու ինձ հենց այդ ասացիր։ Սակայն, եթե դու գիտես, որ քո կինը համեստ, պատվավոր, անշահասեր ու առաքինի է, ապա էլ ի՞նչ ես ուզում։ Եվ եթե դու կարծում ես, որ նա իմ գրոհներից հաղթական դուրս կգա, ինչպես անտարակույս դուրս կգա, ի՞նչ ավելի պատվաբեր անուններ ես ավելացնելու իր ունեցածներին, ի՞նչ կատարելություն ձեռք կբերի նա։ Կամ թե չէ դու նրան այնպիսի կին չես համարում, ինչպես որ ասում ես, ինչո՞ւ ես ուզում նրան փորձած լինել։ Ավելի լավ չէ՞ իսկույն ևեթ նրան նրան անես այն, ինչ որ քեզ լավ է թվում։ Իսկ եթե նա առաքինի է, ապա ի՞նչ ես կարծում հանդգնություն չէ՞ փորձել ճշմարտությունը, որ փորձելուց հետո էլ մազաչափ չի փոխելու հիմա հենց ունցած կարծիքդ։ Արդարացի է ասված, որ միայն անմիտ ու անհույս մարդիկ են այնպիսի գործ բռնում, որից ավելի շուտ վնաս կարելի է սպասել, քան օգուտ, մանավանդ երբ ոչ ոք չի դրդում կամ ստիպում նրանց և եթե առաջուց պարզ է, որ այդ գործը կատարյալ խելագարություն է։ Դժվարին գործերին ձեռնամուխ են լինում սովորաբար կա՛մ Աստծո համար, կա՛մ աշխարհի, կա՛մ երկուսի համար միասին։ Աստծո համար գործ են կատարում սուրբ մարդիկ, որ մարդկային մարմնի մեջ ապրում են հրեշտակային կյանքով։ Աշխարհիս համար գործ են կատարում մարդիկ, որ անծայրածիր ծովեր են լողում֊անցնում, թափառում են զանազան երկիրներ, այցելում օտար ժողովուրդներ, որպեսզի ձեռք բերեն այն, ինչ մենք կենսական բարիքներ ենք անվանում։ Վերջապես, երկուսի համար միասին արի զինվորներն են գործ կատարում։ Նկատելով թշնամու պատում ճեղքվածք, նրանք, մոռանալով երկյուղը, առանց խորհելու և դատողություն անելու իրենց սպառնացող բացահայտ վտանգի մասին, անընդհատ առաջ են նետվում հազար ու մի մահվան ընդառաջ, թևավորված ցանկությամբ պատշտպանելու հավատը, հայրենիքը և թագավորին։ Ահա թե ինչ գործեր են կատարվում աշխարհիս երեսին և թեև նրանք լեցուն են դժվարություններով ու վտանգներով, սակայն բերում են պատիվ, փառք և օգուտ։ Սակայն այն, որ դու ես ձեռնարկում ու մտմտում, չի ծառայի Աստծու փառքին և չի բերի քեզ ո՛չ պատիվ, ո՛չ էլ կենսական բարիքներ։ Որովհետև եթե այնպես հաջող վերջանալու լինի, ինչպես դու ես կամենում, էլի դրանից դու չես դառնա ոչ առավել հռչակավոր, ոչ հարուստ, ոչ պատվելի։ Իսկ եթե վատ վերջանալու լինի, ապա դու ամենադժբախտ մարդը կլինես և բանի պետք չի լինի այն միտքը, որ ոչ ոք չգիտե քո դժբախտության մասին, որովհետև քո տանջանքի համար այն էլ է բավական, որ դու ինքդ այդ գիտես։ Այս ճշմարտությունը հաստատելու համար ես կբերեմ այն տները, որոնցով վերջանում է Լուիս Տանսիլլո բանաստեղծի<ref>Նեապոլիտանյան պոետ Լուիջի Տանսիլլոն գրել է․ «Le lagrime di san Pietro» պոեմը «Պետրոս առաքյալի զղջալը Քրիստոսին ուրանալուց հետո» թեմայով։ Սերվանտեսի բարեկամ պոետ Լուիս Գալվես դե Մոնտալվոն 1657 թվին հիշված պոեմը թարգմանել է իսպաներեն։</ref> Սուրբ Պետրոսի արցունքը հռչակավոր պոեմայի առաջին մասը։ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Աճում է վիշտն ու զղջումն է մեծանում, | ||
+ | Երբ Պետրոսը տեսնում լույսը պայծառ, | ||
+ | Չկա ոչ ոք, սակայն ցավն է խորանում, | ||
+ | Մեղանչել է ինքը իր դեմ վատաբար։ | ||
+ | |||
+ | Չէ՞ որ զղջումն ազնիվ սրտում չի ծնվում | ||
+ | Նախատինքով, մեղադրանքով ուրիշի, | ||
+ | Անբաժան են այնտեղ հանցանք ու զղջում, | ||
+ | Թեկուզ մեղքը երկնին լինի լոկ հայտնի։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Այդպես էլ քո վիշտը չի թեթևացնի գաղտնիքը։ Դու անընդհատ արցունք կթափես։ Եվ, եթե քո աչքերը հրաժարվելու լինեն, քո սրտից կհոսի արյուն֊արցունք, այն դյուրահավատ բժշկի պես, որ փորձի ենթարկեց դյութական գավաթի միջոցով, մի բան, որ խոհեմաբար իմաստուն Ռինալդոն հրաժարվեց փորձելուց։<ref>Նկատի ունի «Կատաղած Ռոլանդից» մի միջադեպ (երգ XLII)։ Բոլոր ցանկացողներին առաջարկում էին խմել սքանչելի հատկություն ունեցող մի գավաթից․ եթե խմողն անհավատարիմ կին ունի, ապա խմիչքը, չընկնելով նրա բերանը, թափվում է նրա կրծքի վրա։ «Մեր պոետի» ― որովհետև Արիոստոյին վկայակոչող Լոտարիոն ինքը իտալացի է։</ref> Թեև այս օրինակը բանաստեղծական հերյուրանք է, այնուհանդերձ նրա մեջ խրատ է թաքնված, որ պետք է նկատի առնել, ըմբռնել և յուրացնել։ Սակայն ես ուզում եմ վերջ տված լինել համոզելու քեզ քո սխալը։ Ասա ինձ, Անսելմո, եթե երկինքը, կամ քո բարի բախտը քեզ մի հրաշալի ադամանդի տեր դարձրած լիներ, որի մաքրությունը, փայլն ու արժեքը գոհացնեին ամենաճարտար ակնավաճառներին, և նրանք համարեին այդ քարը իր սեռի մեջ ամենակատարյալը, և եթե դու ինքդ էլ նույն կարծիքի լինեիր, արդյոք խոհե՞մ բան կլիներ, եթե քո խելքին փչելու լիներ նրան դնել զնդանի վրա և զարկել ուժգնորեն մուրճով, որպեսզի փորձած լինես՝ արդյոք նա այնքան ամո՞ւր է, ինչպես դու կարծում ես, և ենթադրենք, թե քարը դիմանար այս կոպիտ փորձին, մի՞թե այդ մի բան կավելացներ նրա արժանիքին, նրա արժեքին։ Եթե քարը ջարդվեր (մի բան, որ հնարավոր է), մի՞թե ամեն ինչ կորած չէր լինի և այդպիսի գեղեցիկ փորձի հնարողը մի՞թե հիմար չէր համարվի։ Իմացած եղիր, Անսելմո բարեկամս, ահա այդ ադամանդը Կամիլան է, ինչպես քո կարծիքով, այնպես էլ շրջապատի։ Արդարացի՞ կլիներ նրան զնդանի վրա դնելը։ Եթե նա դիմանալու լինի, մի՞թե նա առաջվանից ավելի արժեք կունենա։ Իսկ եթե տեղի տալու լինի՝ խորհիր ապա, թե ինչ կլինի քո վիճակը առանց նրան և որքան հիմնավոր հարկադրված ես լինելու մեղադրել քեզ՝ նրա և քո կործանման համար։ Հասկացիր, որ աշխարհիս երեսին հավատարիմ կնոջից ավելի թանկագին ադամանդ չկա, որ կնոջ պատիվը միմիայն լավ կարծիքն է, որ մենք ունենք նրանց մասին և որ քո կնոջ վարքը այնքան մաքուր է, ինչքան կարելի է բաղձալ, թեև դու այդ ճշմարտությունը կարծես թե կասկածի ես ենթարկում։ Հիշի՛ր, որ կինը անկատար էակ է։ Պետք չէ թակարդ լարել նրանց ոտերի տակ, որպեսզի նրանք սայթաքեն և ընկնեն մեջը, այլ ընդհակառակը՝ պետք է վերացնել բոլոր խոչընդոտները, որ նրանց ճամփան դյուրանա, որպեսզի նրանք կարողանան հասնել իրենց պակասող կատարելության, որ է՝ լիակատար առաքինության։ Բնագետները պատմում են, թե կզաքիսը մի փոքրիկ գազան է, որի մորթը ծայրաստիճան սպիտակ է և թե երբ որ որսորդները կամենում են նրան բռնել, նրանք այսպիսի խորամանկություն են գործադրում՝ նրանք նկատում են, թե ինչ արահետով է սովորաբար ընթանում և այնպես կեղտ են թափում, ապա թե քշում են նրան այն տեղը․ երբ որ կզաքիսը հասնում է կեղտով ծածկված տեղին, նա իսկույն կանգ է առնում և նախընտրում է, որ իրեն բռնեն ու սպանեն, քան թե մտնել ցեխի մեջ և փչացնել մորթի սպիտակությունը, մի բան, որ նա ազատությունից ու կյանքից վեր է դասում։ Պատվավոր ու պարկեշտ կինը՝ կզաքիսի է նման։ Նրա առաքինությունը, ամոթխածությունը նրան ձյունից ավելի մաքուր ու սպիտակ են դարձնում։ Այդ սպիտակությունը պահպանելու համար և խանգարելու համար, որ նա աղտոտի, պետք է միանգամայն այլ խորամանկություն գործադրել, քան այն, որ ծառայում է որսորդներին։ Չի կարելի նրան շրջապատել սիրահարների նվերների ու թախանձանքների կեղտով, որովհետև, երևի, և անգամ կարելի է ասել անպայման, բնությունը նրան չի օժտել այնպիսի ուժով ու տոկունությամբ, որպեսզի նա, առանց կողմնակի օգնության կարողանա խուսափել նման թակարդներից։ Պետք է վերացնել այդ խոչընդոտները և ցուցադրել նրանց միմիայն առաքինության գեղեցկությունը, փայլը, որ բխում է բարի համբավից։ Պատվավոր կինը հայելի է փայլուն ու ողորկ բյուրեղից՝ աննշան մի շնչից դառնում է մթամած ու միգասքող։ Պատվավոր կնոջ հետ պետք է վարվել սրբության պես՝ պաշտել և ձեռք չտալ, նկատել նրան որպես ծաղիկներով լեցուն գեղեցիկ մի պարտեզ, ուր չպիտի ոտ կոխել, ոչ էլ վարդ պոկել, որի չքնաղությամբ ու թարմությամբ հիանում են՝ նայելով ցանկապատի արանքից։ Ի վերջո, ես ուզում եմ ասել քեզ մի ոտանավոր արդի մի կատագերգությունից, որ մնացել է մտքումս և որի նյութը ինձ թվում է նման մեր քննարկածին։ Մի ողջամիտ ծերունի խորհուրդ է տալիս մի հոր լավ պահել իր աղջկան և հսկել նրան։ Ի միջի այլոց նա ասում է․ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Ապակի է կինը կյանքում, | ||
+ | Ուստի պետք չէ նրան դատել․ | ||
+ | Կարելի է կոտրել, հատել, | ||
+ | Ամեն ինչ հեշտ է աշխարհում։ | ||
+ | |||
+ | Կոտըրվում է՝ կոտըրվի թող, | ||
+ | Հիմարը չի զգուշանում․ | ||
+ | Նա՛ է միայն այդ քայլն անում՝ | ||
+ | Ով նորոգել էլ չի կարող։<ref>Անհայտ հեղինակի բանաստեղծություն, որի մեջ ակնարկվում է Դանայիսի առասպելը, որպես թե սիրահարված Զևսը ոսկե անձրևի տեսքով է մտել Դանայիսի արգելարանը։</ref> | ||
+ | |||
+ | Համաձայն են ողջն այդ մտքին․ | ||
+ | Այո՛, ես էլ համաձայն․ | ||
+ | Եթե մեր մեջ կա Դանայան՝ | ||
+ | Ոսկյա անձրև կգա կրկին։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Այն ամենը, ինչ մինչև հիմա ասացի, Անսելմո, քեզ էր վերաբերում։ Դու ինձ թույլ կտաս մի խոսք էլ իմ մասին ասեմ։ Եվ եթե իմ խոսակցությունը քեզ երկար ու բարակ է թվում, ապա ներիր ինձ՝ այդ պահանջում է այս լաբիրինթոսը, որի մեջ գցել ես ինքդ քեզ և որից քեզ պետք է դուրս բերել։ Դու ինձ բարեկամ ես համարում և դու կամենում ես անպատվել ինձ, մի բան, որ հակասում է բարեկամությանը։ Եվ դու մենակ ինձ չես ուզում անպատվել, այլ պահանջում ես, որ ես էլ անպատվեմ, որ դու ուզում ես ինձ անպատված լինել՝ դա պարզ է, որովհետև երբ որ Կամիլան տեսնի, որ ես ձգտում եմ իրեն սիրել, ինչպես որ դու ես կամենում, նա ինձ կհամարի անազնիվ, անբարոյական մարդ, որ կարող է հղանալ այդպիսի զզվելի մի ծրագիր՝ այնքան հակասող մեր ընդհանուր բարեկամությանը, որ դու ուզում ես, որպեսզի քեզ ես անպատված լինեմ, դա ևս անկասկած է, որովհետև նույն Կամիլան հիմք կունենա կարծելու, որ ես նրան համարում եմ թեթևամիտ կին և դրա համար էլ հանդգնել եմ նրան իմ սիրո մասին ասելու։ Եվ անպատվությունը, որ ես կգցեմ նրա վրա, արդյոք չի՞ ընկնի նաև քո վրա, քանի որ նա քեզ է պատկանում։ Ահա՛, թե որտեղից է ծագում այն արհամարհանքը, որին ենթարկվում է դավաճանող կնոջ ամուսինը։ Եվ անգամ եթե նա իմացած չի եղել իր դժբախտությունը, եթե տեղիք տված չի դրան իր վարքով և եթե իր կարողությունից վեր է եղել դրա առաջն առնելու՝ նա պակաս չի ստորանում հասարակական կարծիքի մեջ և նրա մասին լոկ արգահատանքով են խոսում։ Նրան սովորաբար չեն հարգում, թեև այդ դժբախտությունը առաջ եկած լինի ավելի նրա կնոջ վատ հակումներից, քան իր անփութությունից։ Ես արծարծում եմ այն հիմքը, թե ինչու անհավատարիմ կնոջ ամունինն անարգվում է, թեև, ինչպես ես ասացի, նա չի իմանում իր դժբախտությունը, ինքը չէ պատճառը և ինքը չի առիթ տվել։ Ես կարծում եմ, որ այս զեղումը քեզ համար ձանձրալի չի լինի, որովհետև նա միմիայն հոգուտ քեզ է։ Սուրբ գիրքն ասում է՝ երբ որ Աստված ստեղծեց մեր նախահորը երկնային դրախտում, քուն առաքեց Ադամին և նրա քնած միջոցին ձախակողմյան կողը հանեց և ստեղծեց մեր նախամայր Եվային։ Ադամն արթնանալով տեսավ նրան և ասաց՝ ահավասիկ իմ միսն ու ոսկորը։ Ինքն Աստված ավելացրեց՝ ահա թե ինչու մարդը թողնելու է իր հորն ու մորը և երկուսով մի մարմին են կազմելու։ Այսպես հիմնվեց ամուսնության սուրբ կարգը, որի կապանքը կարող է քակել լոկ մահը։ Այդ կարգը այնպիսի ուժ ու ունակություն ունի, որ երկու տարբեր էակ մի հատիկ մարմին են կազմում և անգամ երջանիկ ամուսինները, որ երկու հոգի են ունենում, ունենում են լոկ մեկ կամք։ Դա նրանից է, որ կնոջ մարմինը ամուսնու հետ մեկ է և նրա պակասությունն ու անկատարությունն էլ ընկնում է մարդու մարմնի վրա, անգամ եթե մարդը մեղավոր չլինի։ Դա նույնն է, ինչպես ոտի կամ մարմնի այլ մասի ցավը զգում է ողջ մարմինը մինչև գլուխ, որովհետև դա միևնույն մարմինն է։ Նմանապես ամուսինները մաս ունեն իրենց կանանց անպատվությունից, որովհետև նրանք երկուսով մեկ են։ Սակայն որովհետև աշխարհիս պատիվն ու անպատվությունը միշտ բխում են միս ու արյունից, հետևաբար նաև վատ կնոջ անարգության մի մասը մարդու վրա պիտի ընկնի, անգամ եթե մարդը տեղյակ չլինի։ Միտք արա, Անսելմո, թե ի՜նչ վտանգի ես ենթարկում դու քեզ՝ ձգտելով խռովել խաղաղությունը քո արժանավոր ամուսնու։ Միտք արա ― պարապ և անմիտ հետաքրքրությունն է մղում քեզ վրդովելու այդ պարկեշտ կնոջ անդորրությունը։ Խորհի՛ր, որ այդ գործից դու շատ քիչ կշահես, իսկ կորցնելիքդ այնքան շատ կլինի, որ անհնար է ասել, խոսքերս հերիք չեն տա։ Իսկ եթե այն ամենը, ինչ ասացի, բավական չէ քո վատ մտադրությունից քեզ դարձնելու համար, ապա որոնիր քո դժբախտության և անպատկառության համար այլ գործիք, որովհետև ես չեմ լինելու, անգամ եթե կորցնելու լինեմ քո բարեկամությունը, մի բան, որ ինձ համար ամենազգալի կորուստ կլիներ։ | ||
+ | |||
+ | Այդ ասելուց հետո առաքինի և խոհեմ Լոտարիոն լռեց, իսկ Անսելմոն այնքան ամոթահար ու մտամոլոր մնաց, որ բավական ժամանակ չկարողացավ մի խոսք պատասխանել։ Վերջապես նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դու տեսար, Լոտարիո բարեկամ, ինչ ուշադրությամբ ես լսեցի քեզ։ Քո փաստարկումներից, օրինակներից, նմանություններից ես ճանաչեցի քո խոհեմությունն ու գերագույն և անկեղծ բարեկամությունը։ Ես անգամ ընդունում եմ, որ եթե ես հետևելու լինեմ քո խորհուրդներին և կաշկանդված մնալու լինեմ իմ գաղափարներով, ես կփախչեմ բարիից չարին ընդառաջ վազելու համար։ Սակայն երևակայիր, որ ես հիվանդ եմ, ինչպես կանայք, որ հող, մոխիր, ածուխ և այլ ավելի վատթար բաներ են ուտում։ Երևակայիր, որ ես էլ եմ բռնված այդ հիվանդությամբ և ինձ բուժելու համար պետք է դիմել խորամանկության, և այդ դժվար չի լինի, եթե դու նույնիսկ առերես և թեթև փորձես գրավել Կամիլային։ Նա այնքան էլ թույլ չէ, որպեսզի առաջին իսկ փորձից իր պատիվը գետին գցի։ Գալով ինձ՝ ես կգոհանամ այդ փորձով, իսկ դու կատարած կլինես բարեկամությանդ պարտականությունը ոչ միայն վերակենդանացնելով ինձ, այլև համոզելով ինձ, որ ես պատվազուրկ չեմ։ Այն միտքը, որ ես վճռել եմ այդ փորձն անել, բավական է, որպեսզի համոզի քեզ չմերժել ինձ, որովհետև դու չես հանդուրժի, որ ես իմ խելագարությունը վստահեմ մի ուրիշ մարդու, մի բան, որ կվարկաբեկի ինձ, իսկ դու այնքան վախենում ես իմ վարկաբեկումից։ Գալով Կամիլային, դու չպիտի կանգ առնես այն բանի համար, որ նա վատ կարծիքի կլինի քո մասին, երբ տեսնի, որ դու ընկել ես իր ետևից, որովհետև հենց որ իմացանք փորձի հետևանքը, դու ազատ կլինես բանալու մեր խորամանկությունը և նա նորից կհարգի քեզ առաջվա պես։ Այսպիսով, քանի որ քեզնից քիչ բան է գնում այս փորձի համար, իսկ դու կարող ես ինձ անչափ բավարարել, ես աղաչում եմ, որ չմերժես ինձ, հաղթահարելով այն մի քանի դժվարությունները, որ դու գտնում ես, որովհետև ինչպես ասացի քեզ, հենց որ դու սկսես, ես փորձությունը ավարտած կհամարեմ։ | ||
+ | |||
+ | Լոտարիոն տեսնելով, որ Անսելմոյի վճիռը հաստատ է, չիմանալով, թե այլևս ինչ փաստարկում ու նկատառում անի, ընդունակ համարելով նրան հաղորդելու իր խելագարությունը մի ուրիշին, մեծ դժբախտությունից խուսափելու համար որոշեց բավարարել նրան, սակայն հաստատ ծրագրով այնպես պահել իրեն, որ առանց Կամիլայի պարկեշտ զգացմունքները խռովելու կարողանա բավարարել իր բարեկամին։ Նա ասաց Անսելմոյին, որ պետք չէ ոչ ոքի հաղորդել այդ ծրագիրը, որ ինքը հանձնառու է լինում այդ գործին և կսկսի, երբ որ նա կամենա։ Անսելմոն քնքշորեն գրկեց նրան, հազար շնորհակալություն հայտնեց, ինչպես եթե աշխարհիս ամենամեծ ծառայությունը արած լիներ իրեն։ Նրանք պայմանավորվեցին, որ հետևյալ օրից նրանք գործի կանցնեն, որ Անսելմոն Լոտարիոյին հնարավորություն կընձեռնի Կամիլայի հետ առանձին հանդիպումներ ունենալու և որ կմատակարարի փող ու նվերներ Կամիլային ընծայելու համար։ Նա խորհուրդ տվեց, որ Կամիլայի համար երաժշտություն բերել տա, նրան ոտանավորներ նվիրի և եթե այդ դժվար թվա, ինքը կանի նրա փոխարեն։ Լոտարիոն ամեն բանի համաձայնեց, սակայն միանգամայն այլ մտադրությամբ, քան ուներ Անսելմոն։ Այսպես պայմանավորվելուց հետո նրանք դիմեցին դեպի Անսելմոյի տունը, որտեղ Կամիլան խռովահույզ սպասում էր իր ամուսնուն, որ սովորականից ուշ վերադարձավ։ | ||
+ | |||
+ | Անսելմոն որ հասավ տուն, Լոտարիոն էլ իր տունը գնաց։ Անսելմոն նույնքան գոհ էր, որքան Լոտարիոն՝ մտամոլոր ու շփոթ։ Նա չգիտեր, թե ինչպես պատվով դուրս գա այսքան տխմար գործից, սակայն նույն գիշերը գտավ հնարը, ինչպես խաբի Անսելմոյին՝ առանց վիրավորելու Կամիլային։ Հետևյալ օրը նա գնաց Անսելմոյի մոտ ճաշի։ Կամիլան նրան սիրալիր ընդունեց։ Նա առանձին մտերմություն էր ցույց տալիս Լոտարիոյին, որովհետև գիտեր, որ սերտ կապով կապված է Անսելմոյին։ Ճաշից հետո Անսելմոն խնդրեց Լոտարիոյից, որ ընկերակցի Կամիլային մինչև որ նա վերադառնա մի տեղից, որտեղ նա գործ ունի մոտ ժամ ու կեսով։ Կամիլան կամեցավ խանգարել, որ նա տնից դուրս գա և Լոտարիոն փորձեց ուղեկցել նրան, սակայն Անսելմոն խուսափեց, հանձնարարելով կնոջը, որ Լոտարիոյին մենակ չթողնի և վեջինիս՝ սպասել իրեն, որովհետև հետը կարևոր խոսակցություն ունի։ | ||
+ | |||
+ | Երբ որ Անսելմոն գնաց, Կամիլան ու Լոտարիոն մնացին մենակ սեղանի շուրջը, որովհետև ծառաները գնացել էին ճաշելու։ Լոտարիոն, իր բարեկամի ցանկության համեմատ, զգաց իրեն մի թշնամու առաջ, որ միմիայն իր գեղեցկությամբ կարող էր տեղն ու տեղը հաղթահարել սպառազինված ասպետների մի ամբողջ գունդ։ Տեսնում եք, որ Լոտարիոն ուներ տեղիք՝ երկյուղ կրելու։ Նա արմունկը դրեց բազկաթոռի թևքին, գլուխը հենեց ձեռքին և, Կամիլայից իր անքաղաքավարության համար ներողություն խնդրելով, ասաց, որ մինչև Անսելմոյի վերադարձը նա կկամենար մի քիչ նիրհել։ Կամիլան նրան պատասխանեց, որ շատ ավելի լավ կլինի թախտի վրա,<ref>Թախտի վրա ― Estrado ― տախտակամած սենյակի մեջ (մոտավորապես մեկ ոտնաչափ բարձրությամբ), որը ծածկված էր լինում գորգերով, վերջիններիս վրա դարսվում էին բարձեր, որպեսզի կարելի լիներ այնտեղ հարմար նստել կամ պառկել (ավելի ուշ ժամանակի «բուդուարի» նախատիպը։ </ref> քան բազկաթոռի։ Սակայն նա կարևորություն չտվեց և պատրաստվեց քնելու։ Անսելմոն վերադառնալով, կնոջը գտավ իր սենյակում, իսկ Լոտարիոյին՝ քնած սեղանատանը և խորհեց, որ իր բացակայության երկար լինելու հետևանքով Լոտարիոն ժամանակ է ունեցել զրուցելու Կամիլայի հետ և ապա ննջելու։ Նա անհամբեր սպասում էր Լոտարիոյի արթնանալուն, որպեսզի հետը դուրս գա և տեղեկանա, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ որ նրանք մենակ մնացին, Լոտարիոն նրան ասաց, որ հարմար չի դատել միանգամից բացվել առաջին իսկ օրը, որ նա բացի Կամիլայի գեղեցկությունը գովաբանելուց բան չի արել և ասել է, թե ողջ քաղաքը նրանից է խոսում, նրա հրապուրանքից, նրա հազվագյուտ հատկություններից։ Նա ասաց, թե իրեն թվում է, որ սա լավ միջոց է տիկնոջ սիրտը գրավելու և տրամադրելու իրեն լսելու համար։ Նա համոզված է, որ դևն էլ այդ միջոցին է դիմում, երբ որ ուզում է խաբել մահկանացուին, որը զգաստորեն զգուշանում է նրա թակարդներից․ լինելով խավարի ոգի՝ նա կերպարանափոխվում է լույսի ոգու, գայթակղում է բարի դիտավորությունների ձև անելով, ապա թե բացվում է և իր ծրագիրը հասցնում իր վախճքնին, եթե միայն սկզբից ևեթ նրա ծրագիրը չի մերկացվել։ | ||
+ | |||
+ | Այս ամենը դուր եկավ Անսելմոյին, որ ասաց, թե առանց տնից դուրս գալու նա հնարավորություն կտա նրան ամեն օր տեսնել Կամիլային, իբրև թե զբաղվում է գործով, սակայն այնպես, որ Կամիլան գլխի չընկնի իր խորամանկությունը։ Անցան մի քանի օրեր։ Լոտարիոն Կամիլային ոչ մի բառ չէր ասում, բայց Անսելմոյին հաղորդում էր, որ անընդհատ խոսում է նրա հետ, սակայն առայժմ նրա վարքի մեջ ոչ մի դատապարտելի բան չի նկատում և, մի խոսքով, հույսի և ոչ մի նշան չի տալիս։ Ընդհակառակը՝ նա սպառնում է պատմել իր ամուսնուն, եթե Լոտարիոն չփոխի իր վարմունքը։ | ||
+ | |||
+ | ― Շատ բարի, ― ասաց Անսելմոն, ― մինչև հիմա՝ Կամիլան դիմացել է խոսքերի դեմ։ Պետք է տեսնենք, կդիմանա՞ նա գործերի դեմ, վաղը ես կհանձնեմ երկու հազար դահեկան, որ դու առաջարկես նրան և կնվիրես և երկու հազար էլ, որ գոհարներ գնես, նրան հրապուրելու համար։ Կանայք կարող են առաքինի լինել, բայց որքան նրանք ավելի սիրուն են, այնքան ավելի հմայք ունի նրանց համար զարդարանքը։ Եթե Կամիլան այդ գայթակղության էլ դիմանա, ես բավարարված կլինեմ և այլևս քեզ չեմ չարչարի։ | ||
+ | |||
+ | Լոտարիոն պատասխանեց, թե քանի որ ինքը գործն սկսել է, ուզում է մինչև վերջը հասցնի, և թե ինքը հույս ունի, որ այդ գործից դուրս կգա միանգամայն հաղթահարված։ Հետևյալ օրը նա ստացավ չորս հազար դահեկան, որ նրան չորս հազար հոգս էին պատճառում, որովհետև նա չգիտեր, թե ինչ սուտ դարբնի։ Վերջ ի վերջո նա վճռեց ասել, որ Կամիլան դիմանում է պարգևներին և խոստումներին նույնքան լավ, որքան և սիրո հայտարարություններին և որ անօգուտ է այլևս հոգնություն պատճառելը, որովհետև բոլոր այս փորձերը լոկ ժամանակի կորուստ են։ Սակայն բախտը այլ կերպ տնօրինեց։ Մի անգամ Անսելմոն, ըստ սովորականին, թողնելով Կամիլային մենակ Լոտարիոյի հետ, փակվեց հարևան սենյակում և դռան կողպեքի ծակից սկսեց նայել և ականջ դնել, թե նրանք ինչ են խոսում ու անում։ Եվ ահա նա տեսավ, որ ավելի քան կես ժամի ընթացքում Լոտարիոն բերանը բաց չարեց և մի հատիկ խոսք չի էլ արտասանի, անգամ եթե այնտեղ ամբողջ մի դար մնալու լիներ։ Նա գլխի ընկավ, որ Լոտարիոյի բոլոր ասածները Կամիլայի պատասխանների մասին կեղծ ու պատիր են։ Սակայն որպեսզի վերջնականապես ստուգած լինի, նա դուրս եկավ իր սենյակից, Լոտարիոյին մի կողմ քաշեց և հարցրեց նրանից, թե ինչ նոր բան կա և ինչ տրամադրություն է ցույց տալիս Կամիլան։ Լոտարիոն պատասխանեց, որ այլևս անկարող է երկար ժամանակ շարունակել այս դժվարին գործը, որ Կամիլան իրեն այնքան կոշտ ու կոպիտ է պատասխանում, որ ինքն այլևս խոսք չի գտնում նրան ասելու։ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, Լոտարիո, Լոտարիո, ― ասաց Անսելմոն, ― ի՞նչ վատ ես պատասխանում ինձ քո պարտականության հանդեպ և այն մեծ հավատի հանդեպ, որ ես տածում էի դեպի քեզ։ Ես դուրս եմ եկել հարևան սենյակից, ես ականջ էի դնում, դու մի խոսք չասացիր Կամիլային, մի բան, որ ինձ կարծել է տալիս, թե դու նրան երբեք էլ բան չես ասել։ Եթե այդ այդպես է, իսկ ես չեմ կասկածում դրանում, ապա ինչո՞ւ ես խաբում և խորամանկությամբ խլում ինձնից միջոցը՝ իմ ծրագիրն ի կատար ածելու։ | ||
+ | |||
+ | Անսելմոն այլևս բան չասաց և թողեց Լոտարիոյին շփոթ ու ամոթահար, զգալով պատվի խայթ իր սուտը բռնված լինելու համար։ Նա երդվեց Անսելմոյին, որ ապագայում իր ողջ կյանքը կգործադրի նրան գոհացնելու, որ այլևս չի խաբի, որ Անսելմոն թող ծածկուկ նայի, նա կհավատա, որ ինքը ճիշտ է ասում, և որ իր ճիգ ու ջանքը կցրեն Անսելմոյի կասկածները։ Անսելմոն հավատաց և որպեսզի Լոտարիոն կարողանար միանգամայն հարմար և առանց խոչնդոտների գործը տեսնել, նա որոշեց մի շաբաթով բացակայել տնից։ Նա իր բարեկամներից մեկին, որ ապրում էր գյուղում, հրավիրել տվեց իրեն, որպեսզի Կամիլայի առջև հեռանալու պատրվակ ունենա։ Ապարախտ խելագար, ի՜նչ գործի վրա ես, ի՞նչ է քո նպատակը, ի՞նչ հանդուգն ծրագիր ես նյութել դու։ Դու գործում ես ինքդ քո դեմ, դու դավում ես քո պատվի դեմ, դու հյուսում ես քո կորո՜ւստը։ Քո ամուսինը առաքինի է։ Դու խաղաղ վայելում ես ամուսնական միության քաղցրությունը, ոչինչ չի խռովում քո վայելքը։ Կամիլայի խոհերը քո տան պատերից դուրս չեն գալիս։ Դու նրա արևն ես աշխարհիս երեսին, նրա ցանկությունների նպատակը, նրա զգացմունքների միակ առարկան, նրա կամքի կանոնն ու դատավորը։ Նա միմիայն քո ուզածն է կամենում, իբրև երկնքի հրաման։ Նրա պատվի, գեղեցկության և համեստության գանձերը, որպես թանկարժեք հանք, բացված են քո առջև։ Դու կարող ես վերցնել ամեն ինչ, ինչ որ մեջը կա և ամեն ինչ, որ կամենաս։ Ինչո՞ւ ես ապա ուզում փորել հողը և նոր, անլուր գանձի հետքը փնտրել։ Չէ՞ որ ամեն ինչ կարող է փլչել, որովհետև այդ գանձերը նրա փխրուն բնության թույլ սյուների վրա են հենված։ Իմացած եղիր, որ անկարելիի ետևից ընկած մարդուց խլում են հնարավորն էլ, ինչպես այն, ինձնից ավելի լավ պոետն է արտահայտել՝ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Փնտրում եմ ես լույսով անմար | ||
+ | Փորձանգի մեջ՝ բախտ ինձ համար, | ||
+ | Փոթորկի մեջ՝ խաղաղություն, | ||
+ | Ժանտախտի մեջ՝ առողջություն, | ||
+ | Ազատություն՝ անել բանտում, | ||
+ | Փրկության ելք՝ մութ փակուղում։ | ||
+ | |||
+ | Դադարել եմ բարիք հուսալ | ||
+ | Բախտից, որ չի ուզում անսալ, | ||
+ | Որ երկնքի պես անզիջում՝ | ||
+ | Չի կարեկցում ու չի խղճում․․․ | ||
+ | Էլ ինչ խնդրեմ անկարելին, | ||
+ | Երբ մերժում է և կարելին։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Հետևյալ օրը Անսելմոն գնաց գյուղ և, հրաժեշտ տալով, ասաց Կամիլային, որ իր բացակայության ժամանակ Լոտարիոն գալու է ճաշի և հետևելու տան գործերին և որ խնդրում է նրանից վերաբերվել իր բարեկամին այնպես, ինչպես իրեն է վերաբերվում։ Պարկեշտ ու հավատարիմ Կամիլան վշտացավ այդ հրամանից և պատասխանեց, որ ամուսնու բացակայության միջոցին անվայել է, որ ուրիշը գրավի նրա տեղը սեղանի շուրջը։ Իսկ եթե Անսելմոն այդ հրամանը տալիս է, որովհետև չի հավատում, որ ինքը կարող է տունը կառավարել, ապա թող այս անգամ նա փորձի իրեն և փորձով համոզվի, որ ինքը ունակ է ավելի մեծ գործի։ Անսելմոն պատասխանեց, որ այդ իր կամնքն է և որ նա պետք է գլուխ խոնարհի և հնազանդի։ Կամիլան ասաց, որ կկատարի նրա ցանկությունը, թեև հակառակ է իր կամքի։ Անսելմոն գնաց։ Հետևյալ օրը եկավ Լոտարիոն, որին Կամիլան դիմավորեց սիրալիր և արժանապատվությամբ, սակայն այնպես էր սարքում, որ հետը երբեք մենակ չմնա։ Նրան շարունակ շրջապատում էին ծառաներն ու սպասուհիները, իսկ ամենից հաճախ նրան ուղեկցում էր Լեոնելա անունով մի սպասուհի։ Սա մանուկ հասակից ապրած է եղել Կամիլայի ծնողների տանը, ուստի Կամիլան նրան շատ էր սիրում և մարդու գնալուց հետը բերել էր Անսելմոյի տունը։ Առաջին երեք օրվա ընթացքում Լոտարիոն բնավ չխոսեց Կամիլայի հետ, թեև կարող էր, որովհետև ճաշից հետո, սեղանը հավաքելուց հետո, բոլոր ծառաները գնում էին ձեռաց ճաշ անելու․ Կամիլան նրանց պատվիրել էր որքան կարելի է շուտ վերադառնալ։ Բացի այդ նա հրամայել էր Լեոնելային նախապես ճաշել և իրեն երբեք մենակ չթողնել։ Սակայն սպասուհու գլխում այլ մտքեր կային՝ նա օգտվում էր ճաշի ժամից զվարճանալու համար, ուստի և հաճախակի մոռացության էր տալիս իր տիրուհու պատվերը և թողնում նրան մենակ Լոտարիոյի հետ, ասես թե նրան դիտմամբ սովորեցրած լինեին։ Բայց Կամիլայի պարկեշտ տեսքը, խիստ դեմքը և զուսպ վարմունքը սանձահարում էին Լոտարիոյի լեզուն։ | ||
+ | |||
+ | Սակայն այս երջանիկ սկզբնավորությունը չէր կարող պահպանել նրանց կործանումից, որովհետև եթե լեզուն լռում էր, ապա միտքը գնում էր իր ընթացքով, և Լոտարիոն ազատ միջոցին մանրամասնորեն խորհում էր Կամիլայի հրապույրների մասին, որ ընդունակ էին ոգևորելու մարմարե արձանը, ո՜ւր մնաց թե մահկանացու սիրտը։ Նա հիանում էր խոսելու փոխարեն, նա երազում էր, թե որքան Կամիլան արժանի է սիրված լինելու և այդ խոհերը անզգալի կերպով թուլացնում էին փափկանկատությունը Անսելմոյի նկատմամբ։ Հազար անգամ նա փորձեց լքել քաղաքը և քաշվել մի տեղ, որտեղ նա երբեք չտեսնի ոչ Անսելմոյին, ոչ Կամիլային, սակայն հաճույքը, որ նա վայելում էր Կամիլային տեսնելուց, իսկույն խորտակում էր նրա վճիռը։ Նա ճիգ էր գործադրում իր վրա, պայքարում էր ինքն իր դեմ, որպեսզի հաղթահարի իրեն և այդ վայելքը չզգա և մենակ մնալուց նա դատապարտում էր իր խելագարությունը, ինքն իրեն վատ բարեկամ և անգամ վատ քրիստնյա էր անվանում։ Նա իրեն համեմատում էր Անսելմոյի հետ և հանգում այն եզրակացության, որ մեկի խելագարությունը փոխանցվում է մյուսի անհավատարմության և որ եթե նա քիչ է մեղավոր Աստծու աչքում, քան մարդկանց, ապա նա կարող է հանցանքի պատժից երկյուղ չկրել։ | ||
+ | |||
+ | Վերջապես Կամիլայի արժանիքներն ու գեղեցկությունը, միացած այն պատահմունքին, որ մի անխոհեմ ամուսին գցել է Կամիլային իր ձեռքը, հաղթանակեցին հավատարմության վրա Լոտարիոյի նկատմամբ։ Եվ, անսալով իր կրքին, երեք օր անընդհատ պայքարից հետո, նա սկսեց սիրաշահել Կամիլային այնպիսի հուզմունքով ու կիրքով, որ Կամիլան մնաց բոլորովին շփոթված և չկարողացավ այլ բան անել, քան եթե թողնել իր աթոռը և քաշվել իր սենյակը, առանց մի բառ արտասանելու։ Սակայն նրա արհամարհանքը չխլեց Լոտարիոյի հույսը, որ միշտ ծնվում է սիրո հետ միասին։ Ընդհակառակը՝ նա առավել ևս հրահրեց նրա սերը դեպի Կամիլան, որը անակնկալի գալով նրա վարմունքից, չգիտեր, թե ինչ աներ։ Եվ կարծելով որ վտանգավոր և անվայել կլիներ Լոտարիոյին հնարավորություն տալը դարձյալ իր հետ տեսակցելու, նա նույն գիշերը իր մարդկանցից մեկին ուղարկեց Անսելմոյի մոտ մի նամակով հետևյալ բովանդակությամբ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXIV== | ||
+ | |||
+ | Ուր շարունակվում է Անխոհեմ Հետաքրքիրի վեպը | ||
+ | |||
+ | |||
+ | <i>«Սովորաբար ասում են, որ վատ է, երբ զորքը մնում է առանց զորավարի և ամրոցը առանց պարետի, իսկ ես կասեմ, որ ավելի վատ է, երբ երիտասարդ կինը մնում է առանց ամուսնու, երբ արտաքո կարգի հանգամանքները չեն պահանջում այդ։ Ես այնքան վատ եմ առանց ձեզ և այնքան ծանր տառապում եմ ձեր բացակայությունից, որ եթե դուք շուտով վերադառնալու չլինեք, ես հարկադրված կլինեմ հորանցս տունը քաշվել և լքելու ձեր տունը՝ թողնելով այն անպահպան, որովհետև այն պահապանը, որին դուք թողել եք (եթե միայն դուք, իրոք, նրան տվել եք այդ կոչումը), թվում է, թե ավելի իր հաճույքի համար է հոգում, քան ձեր բարիքի։ Դուք խոհեմ եք, այս էլ բավական է ձեզ համար և ես չպետք է ավելին ասեմ։»</i> | ||
+ | |||
+ | |||
+ | Ստանալով այս նամակը, Անսելմոն նրանից եզրակացրեց, որ Լոտարիոն արդեն գործի է անցել և որ Կամիլան այնպես է պահում իրեն, ինչպես ինքը կկամենար և, սաստիկ ուրախացած այդ տեղեկությունից, հրամայեց, որ բերանացի ասեն Կամիլային, որ ոչ մի դեպքում իր տունը չթողնի, որովհետև ինքը շուտով վերադառնալու է։ Կամիլան սաստիկ զարմացած այս պատասխանից, չգիտեր, թե ինչ անի՝ մնալ բնակարանում՝ կնշանակեր վտանգի ենթարկել իր պատիվը, իսկ հորանց մոտ գնալ՝ ընդդիմանալ Անսելմոյի կամքին։ Այս երկուսից նա ընտրեց վատթարագույնը, այսինքն՝ մնաց, հաստատ մտադրությամբ այլևս չխուսափել Լոտարիոյից, որպեսզի ծառաներին ասեկոսների տեղիք տված չլինի։ Նա նույնիսկ զղջաց, որ ամուսնուն գրել է, վախենալով, որ միգուցե Անսելմոն երևակայի, թե Լոտարիոն իր վարքի մեջ որևէ անպարկեշտություն է նկատել և այդ պատճառով էլ խախտել է պատկառանքը իր նկատմամբ։ Սակայն վստահ լինելով իր առաքինության վրա, նա հույսը դրեց Աստծու և իր պատվազգացության վրա, որոնց օգնությամբ նա հույս ուներ դիմադրելու լռությամբ Լոտարիոյի բոլոր սիրաբանություններին, առանց տեղեկացնելու իր ամուսնուն, որպեսզի նրան անհանգստություն ու հոգս պատճառած չլինի։ Նա նույնիսկ միտք էր անում, թե ինչ միջոցով Լոտարիոյին արդարացնի Անսելմոյի աչքում, եթե ամուսինը հարցնելու լինի իր նամակի դրդապատճառների մասին։ Այսպիսի մտադրություններով, որ ավելի գովելի են, քան ապահով ու խոհեմ, Կամիլան հետևյալ օրը ունկնդրում էր Լոտարիոյին, որ նորից խոսում էր այնպիսի թափով, որ Կամիլայի հաստատակամությունը տատանվեց, և նա պետք է իր ողջ առաքինությունը օգնության կանչեր, որպեսզի Լոտարիոն իր աչքերում չկարդար քնքշագին կարեկցություն, որ առաջ էին բերել նրա սրտում Լոտարիոյի խոսքերն ու արցունքը։ Սակայն Լոտարիոն նկատեց ամեն ինչ և նրա կիրքը բորբոքվեց առավել սաստիկ։ Օգտվելով Անսելմոյի բացակայությունից, որ բարենպաստ էր նրա նպատակի համար, նա վճռեց սեղմել պաշարման օղակը և սկսեց ներգործել նրա սնափառության վրա, գովաբանելով նրա գեղեցկությունը, իմացած լինելով, որ սնափառ գեղեցկության ամրոցների տակը ամենից հեշտ նույն սնափառությամբ են փորում և գրավում նույն սնափառությամբ, որ դրված են լինում շողոքորթի ճառերի մեջ։ Եվ Լոտարիոն այնպիսի վարպետությամբ փորեց նրա ողջախոհության ժայռի տակը, որ եթե Կամիլան բրոնզից ձուլված լիներ, դարձյալ չէր դիմանա։ Նա հեկեկում էր, աղերսում, խոստանում, շողոքորթում, համոզում և զգացմունքի ու կրքի այնպիսի ձև տալիս, որ վերջապես Կամիլայի ազնվությունը չդիմացավ և նա տարավ հաղթանակը, որ նա այնքան փափագում էր և որի վրա այնքան քիչ հույս ուներ։ | ||
+ | |||
+ | Կամիլան տեղի տվեց։ Կամիլան անձնատուր եղավ։ Սակայն ի՞նչ զարմանալու բան է՝ չէ՞ որ Լոտարիոյի բարեկամությունն էլ չդիմացավ։ Պարզ օրինակ, որ լոկ փախուստը կարող է հաղթահարել սերը, որ ոչ ոք չպիտի պայքար ձեռնարկի այսքան զորավոր մի թշնամու դեմ և որ ոչ մարդկային զորություն է պետք մարդկային թուլությունը հաղթելու համար։ Միայն Լեոնելան գիտեր իր տիրուհու պարտության մասին, երկու դավաճան֊բարեկամները, երկու նոր սիրահարները չկարողացան թաքնվել նրանից։ Սակայն Լոտարիոն որոշեց չպատմել Կամիլային Անսելմոյի մտադրությունների մասին, որ օգնեցին նրան ձեռք բերել նրա սերը։ Նա վախենում էր ընկնել Կամիլայի աչքում, որովհետև նա կարող էր մտածել, որ ինքը պատահմամբ է նվաճել նրա սիրտը և ոչ իր սեփական դրդմամբ։ | ||
+ | |||
+ | Մի քանի օրից հետո վերադարձավ Անսելմոն և չնկատեց, որ կորցրել է այն, ինչ որ ամենից բարձր էր գնահատում և ամենից քիչ պահպանում։ Նա իսկույն գնաց Լոտարիոյի մոտ և նրան գտավ տանը։ Բարեկամները գրկախառնվեցին, և Անսելմոն հարցրեց՝ ինչ նորություն կա իր կենաց և մահվան խնդրի մասին։ | ||
+ | |||
+ | ― Նորությունը, Անսելմո բարեկամ, ― ասաց Լոտարիոն, ― որ ես կարող եմ հաղորդել քեզ այն է, որ քո կինը կարող է օրինակ և նմուշ լինել բոլոր հավատարիմ կանանց համար։ Իմ խոսքերը կորան օդում։ Իմ առաջարկները նա բանի տեղ չդրեց։ Իմ նվերները նա մերժեց։ Թափածս կեղծ արցունքները նա ծաղր ու ծանակ արավ։ Մի խոսքով ինչպես նա գեղեցկության տիպար է, նմանապես տաճար է ազնվության, խոհեմության, ամոթխածության և բոլոր առաքինությունների, որ կարող են ընձեռել մի պատվավոր և իմաստուն կնոջ համար երջանկություն ու փառք։ Ետ վերցրու քո փողը, գործածելու առիթ չունեցա ես՝ Կամիլան չափազանց ազնիվ հոգու տեր է, որպեսզի զիջի այսպիսի վատ բաների դիմաց, ինչպես նվերն ու խոստումներն են։ Բավարարված համարիր քեզ, Անսելմո, այլևս նոր ապացույցներ մի որոնիր։ Դու առանց ոտներդ թրջելու անցել ես կասկածի և տարակուսանքի ծովը, որ սովորաբար թափված է լինում կնոջ շուրջը, էլ մի փորձիր անխոհեմորեն մեկ էլ խորունկ օվկիանոսում նավ ելնել և մի՛ հանձնիր ուրիշ նավավարի միջոցով ստուգելու քո նավի հաստատությունը, որ բաշխել է քեզ երկինքը այս աշխարհի ծովն անցնելու համար։ Հաշվիր քեզ ապահով նավահանգիստ հասած, նետիր քո բարեկեցության խարիսխը և սպասիր, մինչև որ բախտը կգա պահանջելու քեզնից պարտքը, որ մենք՝ բոլոր մահկանացուներս, պարտավոր ենք նրան վճարելու։ | ||
+ | |||
+ | Անսելմոն միանգամայն բավարարված էր Լոտարիոյի ճառով, որին նա այնքան հաստատ հավատաց, ասես պատգամախոսություն լիներ։ Այնուհանդերձ նա խնդրեց բարեկամից, որ բոլորովին չթողնի այդ ձեռնարկը, թեկուզ զվարճության և հետքրքրության համար։ Նա ավելացրեց, որ այլևս կարիք չկա առաջվա պես ճիգ ու ջանք թափելու և որ բավական է, եթե նա ոտանավոր ձոնի և երգի Կամիլային Քլորիդա անվան տակ, հարգելով նրա պարկեշտությունը։ Նա ավելացրեց, որ եթե Լոտարիոյի համար դժվար լինի՝ ինքը կհորինի այդ ոտանավորը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, կարիք չկա, ― ասաց Լոտարին, ― մուսաներն ինձ այնքան էլ հակառակ չեն և ժամանակ առ ժամանակ այցելում են։ Նախազգուշացրու Կամիլային իմ սիրային կեղծության մասին և, թեև իմ ոտանավորի արժանիքը չի հավասարվի առարկային, ես կաշխատեմ կարյացս չափ լավ գրել։ | ||
+ | |||
+ | Այսպես պայմանավորվեցին դյուրահավատ և անհավատարիմ բարեկամները։ Վերադառնալով տուն Անսելմոն հարցրեց Կամիլայից, թե ի՞նչը դրդեց նրան իրեն նամակ գրելու։ Կամիլան, որ վաղուց արդեն զարմանում էր, թե ինչու նա այդ մասին բան չի հարցնում, պատասխանեց, որ նրա բացակայության միջոցին Լոտարիոյի վարմունքը իրեն թվաց նվազ պատկառավոր, բայց հիմա ինքը այլևս այդ համոզմունքը չունի և կարծում է, թե այդպես է թվացել իրեն, որովհետև վաղուց է արդեն, որ Լոտարիոն խույս է տալիս իրենից և երբեք հետը մենակ չի մնում։ Անսելմոն խորհուրդ տվեց այլևս չկասկածել, որովհետև ինքը լավ գիտե, որ Լոտարիոն սիրահարված է մի ազնվազարմ օրիորդի վրա և երգում է նրան Քլորիդա անվան տակ։ Եթե անգամ այդպես էլ չլինի, ապա Կամիլան պիտի վստահի Լոտարիոյի ազնվությանը և իրենց մեծ մտերմությանը։ Եվ եթե Լոտարիոն նախազգուշացրած չլիներ Կամիլային, որ ինքն է պատմել իր կարծեցյալ սիրո մասին Քլորիդայի նկատմամբ, որպեսզի հնարավորություն ունենա իր ոտանավորներում երգելու Կամիլային, վերջինիս սիրտը, անտարակույս, ընկած կլիներ խանդի հուսակտուր ցանցի մեջ։ Սակայն նախազգուշացած լինելով, այդ լուրը նա ընդունեց առանց վշտի։ | ||
+ | |||
+ | Մի օր, երբ որ նրանք երեքով ճաշից հետո նստած էին սեղանի շուրջը, Անսելմոն խնդրեց Լոտարիոյից, որ կարդա իր գրածը ի պատիվ իր սիրած Քլորիդայի։ Ասաց, որ նա կարող է չքաշվել, որովհետև մեկ է, Կամիլան նրան չգիտե։ | ||
+ | |||
+ | ― Անգամ եթե նա իմանալու լիներ, ― պատասխանեց Լոտարիոն, ― ես դարձյալ չէի ծածկի իմ ոտանավորները։ Որովհետև երբ որ սիրահարվածը գովաբանում է իր սիրածի գեղեցկությունը և նրան խստասիրտ է անվանում, դրանով նրա բարի անունը չի անպատվում։ Այսպես թե այնպես, ահա՛ սոնետը, որ ես երեկ գրեցի խստասիրտ Քլորիդայի պատվին։ | ||
+ | |||
+ | :::::::Սոնետ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Խորունկ լռության մեջ կես գիշերային, | ||
+ | Տեսնելով մարդկանց հանգիստը շնորհված՝ | ||
+ | Ես իմ ահավոր տանջանքը սահմանված | ||
+ | Հանձնում եմ երկնքին և Քլորիդին։ | ||
+ | |||
+ | Այնժամ տված իրեն գունեղ քղամիդին | ||
+ | Վարդյա արևն է ելնում զվարթացած, | ||
+ | Ես՝ հառաչանքով ու թոթովանքով լցված | ||
+ | Վերադառնում եմ հին վիրավորանքին։ | ||
+ | |||
+ | Մինչ հավերժ արևը ոսկյա գահին է ցնծում, | ||
+ | Վառվում աշխարհստեղծման ճառագայթով, | ||
+ | Ես հեղում եմ լացըս, հուզումըս խորացնում։ | ||
+ | |||
+ | Իջնում է գիշերը, ես էլ դառը բախտով, | ||
+ | Նորից ընկնում եմ իմ սիրո ցավում անդուլ, | ||
+ | Կամարն երկնքի խուլ է և Քլորիդան խուլ․․․ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Սոնետը Կամիլային դուր եկավ, բայց առավել ևս Անսելմոյին, որ գովեց Լոտարիոյին և ասաց, որ այդ տիկինը, երևի, անչափ խստասիրտ է, քանի որ չի պատասխանում այդքան անկեղծ զգացմունքին։ Կամիլան ասաց․ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե սիրահարված պոետների բոլոր ասածները ճիշտ են։ | ||
+ | |||
+ | ― Պոետների ասածները կարող են ճիշտ չլինել, ― պատասխանեց Լոտարիոն, ― սակայն սիրահարներինը ― մի՛շտ նույնքան պարկեշտ են լինում, որքան և անկեղծ։ | ||
+ | |||
+ | ― Անկասկած, ― հաստատեց Անսելմոն, կամենալով պաշտպանած լինել Լոտարիոյի կարծիքը Կամիլայի առջև, որ այնքան հափշտակված էր իր նոր սիրահարով, որ չնկատեց իր մարդու խորամանկությունը։ Այն ամենը ինչ բխում էր Լոտարիոյից Կամիլային հաճույք էր պատճառում և նրա համար ավելի հաճելի էր, որ Լոտարիոյի ցանկություններն ու ոտանավորները իրեն են ուղղված և որ ինքն է իսկական Քլորիդան։ Նա հարցրեց Լոտարիոյից՝ չունի՞ արդյոք ուրիշ սոնետ կամ այլ ոտանավոր։ | ||
+ | |||
+ | ― Մեկն էլ կա, ― պատասխանեց Լոտարիոն, ― միայն թե ինձ թվում է, որ այնքան էլ լավը չէ, ինչպես առաջինը, կամ, ավելի ճիշտ՝ ավելի վատն է։ Ասենք՝ ինքներդ դատեցեք․ | ||
+ | |||
+ | :::::::Սոնետ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Մեռնում եմ ես, և կասկածին հակառակ, | ||
+ | Իրական է թվում մահս առավել, | ||
+ | Ճիշտ է այն, որ ոտքերիդ կփարվեմ, | ||
+ | Քան կզղջամ, որ մատուցում եմ հարգանք։ | ||
+ | |||
+ | Տեսնում եմ ես ինձ աշխարհում մոռացման, | ||
+ | Ուր չունեմ կյանք, խնդություն ու սփոփում, | ||
+ | Բայց ո՜վ չքնաղ, սիրակարոտ իմ սրտում | ||
+ | Տեսնում եմ ես քո պատկե՜րը աննման։ | ||
+ | |||
+ | Այդ պատկե՜րն է, մխիթարանքն իմ սրտի՝ | ||
+ | Վերջի՜ն, վերջի՜ն ակնթարթում այն մարտի․ | ||
+ | Որ մղում եմ քո խստության դեմ անհույս։ | ||
+ | |||
+ | Վա՜յ լողորդին վայրի ծովում ալեհույզ, | ||
+ | Երբ խավարում խոլ ալիքներն են հևում, | ||
+ | Չկա փարոս, և ափը չի երևում։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Անսելմոն գովեց երկրորդ սոնետը ոչ պակաս, քան առաջինը։ Այսպես, օղակ առ օղակ նա դարբնում էր շղթան, որ նա նետում ու կապում էր իր խայտառակությունը։ Որքան ավելի էր Լոտարիոն նրան անպատվում, այնքան ավելի պատվված էր զգում իրեն։ Եվ այն աստիճանները, որոնցով Կամիլան իջնում էր իր ամոթ ու խայտառակությանը, ցույց էր տալիս իր ամուսնուն որպես վերելք դեպի առաքինություն ու բարի համբավ։ Մի օր, Կամիլան, մնալով մենակ իր սպասուհու հետ, ասաց նրան․ | ||
+ | |||
+ | ― Ես սաստիկ զղջում եմ, սիրելի Լեոնելա, որ այսքան արագ անձնատուր եղա Լոտարիոյին, որ չստիպեցի նրան ավելի ուժգին դիմադրությամբ և տևական ծառայությամբ ձեռք բերել տիրությունը և իշխանությունը իմ կամքի վրա։ Ես երկյուղ եմ կրում, որ այսքան դյուրին վայելումի համար նա կարհամարհի ինձ, վերագրելով այն իմ թեթևամտրության, առանց մտաբերելու այն ճիգը, որ նա գործադրեց իմ դիմադրությունը հաղթահարելու համար։ | ||
+ | |||
+ | ― Հոգ մի տարեք, սինյորա, ― պատասխանեց Լեոնելան, ― ընծան իր արժեքը չի կորցնում նրանից, որ արագ է տրված եղել, միայն թե լավը լինի և գնահատության արժանի։ Նույնիսկ սովորաբար ասվում է՝ ով որ շուտ է տալիս՝ երկու անգամ է տալիս։ | ||
+ | |||
+ | ― Բայց կամ մեկ ուրիշ առած ևս, ― պատասխանեց Կամիլան, ― ինչ որ էժան է նստում, ավելի քիչ էլ գնահատվում է։ | ||
+ | |||
+ | ― Դա չի կարելի կիրարկել քո նկատմամբ, ― ասաց Լեոնելան, ― սերը, ըստ ավանդության, երբեմն թռչում է, երբեմն ոտով գնում, ոմանց հետ վազում է, ոմանց հետ քայլում։ Ոմանց սառեցնում է, ոմանց այրում, ոմանց վերք է հասցնում, ոմանց սպանում։ Սիրո փափագը ծնվում է վայրկյանապես և վայրկյանաբար բավարարվում։ Առավոտյան սերը պաշարում է բերդը, որ երեկոյան դեմ հարկադրված է լինում անձնատուր լինելու, որովհետև չկա այն ուժը, որ կարողանա դիմադրել նրան։ Ինչի՞ց ես դու զարմանում և ինչից վախենում, քանի որ միևնույն բանը պատահել է Լոտարիոյին, որին սերը ընտրած է եղել որպես ձեր անկման գործիք Անսելմոյի բացակայության միջոցին, որովհետև նա կարող էր վերադառնալ և այն ժամանակ սիրո գործը կմնար անկատար։ Սերը պատահմունքից ավելի լավ օգնական չունի և նա օգտվում է իր բոլոր գործերում, մանավանդ սկզբում։ Այդ ես լավ գիտեմ, ավելի փորփով, քան ուրիշների ասելով և երբևիցե կպատմեմ քեզ այդ ամենը։ Չէ՞ որ ես էլ, տիրուհի, միս ու արյուն եմ։ Ասենք, ես չէի ասի, սինյորա Կամիլա, որ դու շատ արագ հնազանդեցիր և անձնատուր եղար՝ չէ՞ որ նախապես նրա հայացքում, հառաչանքում, խոսքերում, խոստումներում և նվերներում դու տեսար նրա ողջ հոգին և համոզվեցիր, որ նրա բոլոր հատկությունները նրան արժանի են դարձնում սիրո։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ կարիք կա ունայն տարակուսանքների և դառնաշունչ խոհերի։ Նա գոհ ու երջանիկ է, որ կապված է քեզ հետ սիրո կապանքով և միամիտ մնա, որ նա քեզ նույնքան է գնահատում, որքան որ դու՝ նրան։ Նա ոչ միայն ունի չորս S֊ը, որ պետք է ունենա յուրաքանչյուր կատարյալ սիրահար, այլ մի ամբողջ այբուբեն։ Թե չես հավատում, ես իսկույն քեզ անգիր ասեմ։ Որքան որ ես հասկանում եմ, նա ինձ թվում է՝ agradecido, bueno, caballero, dadiuoso, enamprado, firme, gallardo, honrado, ilustre, leal, mozo, noble, onesto, principal, guantioso, rico (երախտագետ, բարի, ասպետ, առատաձեռն, սիրահարված, անփոփոխ, գեղեցիկ, պատկառելի, հռչակավոր, հավատարիմ, ջահել, ազնիվ, պատվով, ականավոր, պերճ, հարուստ)․ ապա գալիս են չորս T֊երը,<ref>Չորս Տ֊ը ― zelador (նախանձախնդիրը) ― Տ֊ով սկսվող չորս բառ (sabio, solo, solicito, secreto ― խելոք, ամուրի, անձնվեր, գաղտնապահ)։ Այնուհետև թվարկում է սիրահարի հատկությունները, որոնցից յուրաքանչյուրի անունը սկսվում է նույն տառով՝ այբենական կարգով (ս֊ով առանձին բառ չկա, որովհետև այդ տառն ունեցել է նույն գծագիրը, ինչ որ և v֊ն)։ X տառը կոչված է կոշտ, որովհետև Սերվանտեսի ժամանակներում այդ տառով նշվող հնչյունը արտասանվել է հայոց «շ»֊ի նման նման․ այդտեղ բերվող այբուբենի մեջ Y սկսվող բառ չկա, որովհետև դրանով նշվող հնչյունը, որի զորությամբ էլ այդ երկու տառերը գործածության մեջ սովորաբար համընկել են իրար։ Նմանօրինակ «սիրային այբբենարաններ» այդ դարաշրջանում շատ տարածված են եղել Իսպանիայում։ </ref> որ արդեն ասացի, հետո՝ lacito (լռակյաց), verdadero (ճշմարտախոս)։ X֊ը կոպիտ տառ է, չի հաշվվում և Y֊ը շաղկապ է, մնում է Z֊ը՝ քո պատվի zelador (նախանձախնդիրը)։ | ||
+ | |||
+ | Կամիլան շատ ծիծաղեց Լեոնելայի այբուբենի վրա և տեսավ, որ սիրային գործերում ավելի բան գիտե, քան ասում է։ Սպասուհին խոստովանեց, որ ինքը սիրային կապ ունի մի երիտասարդի հետ՝ լավ ընտանիքից, նույն քաղաքից։ Կամիլան, շփոթված այս խոստովանությունից, այն հետևանքից, որ դա կարող է ունենալ իր բարի համբավի նկատմամբ, կամեցավ առնվազն իմանալ, թե որտեղ են նրանք միասին լինում և նրանց միջև մաքուր սիրուց բացի չկա՞ արդյոք այլ բան։ Սակայն Լեոնելան սակավ ամոթխածությամբ և շատ լիրբ կերպով խոստովանեց, որ իր սիրահարը երջանիկ է։ Տիրուհիների մեղքերը զրկում են սպասուհիներին ամոթից։ Երբ որ նրանք տեսնում են, որ իրենց հրամայողները սխալ քայլ են անում, նրանք այլևս հոգ չեն տանում սայթաքելուց, ոչ էլ նրանից, որ կիմացվի։ Կամիլան ճարահատյալ խնդրեց Լեոնելայից, որ նրա գործերը չպատմի իր սիրահարին և իր սեփական գաղտնիքն էլ խստիվ պահպանի, որ չլինի թե որևէ կերպ Անսելմոն կամ Լոտարիոն իմանան։ Լեոնելան խոստացավ, սակայն այնքան վատ կատարեց իր խոստումը, որ իսկույն արդարացավ Կամիլայի երկյուղը՝ արատավորված տեսնելու իր բարի համբավը։ | ||
+ | |||
+ | Անամոթ ու լիրբ սպասուհին հանդգնեց անգամ տիրուհու տունը բերել իր սիրահարին, վստահ լինելով, որ Կամիլան բան չի ասի, եթե նույնիսկ այդ մարդուն տեսնելու լինի։ Այս է լինում իրենց առաքինությունը կորցրած կանանց պատիժը՝ նրանք իրենց սպասուհիների գերին են դառնում և հարկադրված են լինում ծածկելու նրանց անպատվաբեր ու ստոր գործերը։ Այդպես էլ Կամիլայի հետ պատահեց։ Հաճախ նա վրա էր հասնում իր տան սենյակներից մեկում Լեոնելային իր սիրահարի հետ և ոչ միայն սիրտ չէր անում հանդիմանել նրան, այլ ինքն էլ օգնում էր նրա երկրպագուին թաքցնելու և հոգ տանում, որ Անսելմոն նրան չտեսնի։ Սակայն, չնայած նրա բոլոր ջանքերին, մի անգամ Լոտարիոն տեսավ, թե ինչպես լուսաբացին այդ մարդը դուրս եկավ տնից։ Չիմանալով նրա ով լինելը, Լոտարիոն նախ կարծեց, թե տեսիլ է, սակայն նկատելով, որ թաքուն֊թաքուն է գնում, ծածկված ու փաթաթված իր վերնարկով, նա թողեց իր միամիտ ենթադրությունը և այլ բան կասկածեց։ Այդ կասկածը նրանց բոլորին էլ կկործաներ, եթե Կամիլան օգնության հասած չլիներ։ Լոտարիոն միանգամայն մոռացել էր Լեոնելայի գոյության մասին, ուստի նրա գլխից չէր էլ անցնում, որ Կամիլայի տնից դուրս եկող անծանոթը Լեոնելայի մոտ է եղել։ Եվ նա վճռեց, որ Կամիլան նույնքան հեշտ ու թեթև է եղել ուրիշի համար, ինչպես իրեն համար եղավ։ Ահա թե ինչ հետևանքի է հասցնում անհավատարիմ կնոջ մեղանչանքը՝ նա, որ աղերսանքով և վստահացումներով գրավել է նրա սերը, այլևս չի հավատում նրա պատվին, համարելով, որ ավելի դյուրին նա կարող է անձնատուր լինել մի ուրիշին։ Ամեն կասկած հիմնավոր է թվում։ Այդ վայրկյանին խոհեմությունը լքեց Լոտարիոյին։ Նա մոռացության տվեց իր սեփական խոհեմությունը և ավելի խելացի և ուղիղ բան չգտավ, քան անել հետևյալը՝ կասկածից կուրացած, չանսալով և ոչ մի մտքի, զգացմունքի, Լոտարիոն իսկույն վազեց Անսելմոյի մոտ, որ դեռ վեր չէր կացել, անհամբեր իրեն ճարակող խանդը հագեցնելու և վրեժ առնելու Կամիլայից, որ իրեն բնավ չէր վիրավորել։ | ||
+ | |||
+ | ― Ահա քանի օր է, ― ասաց նրան, ― բարեկամս, որ ես բռնություն եմ գործադրում ինքս ինձ վրա, որպեսզի չասեմ քեզ մի բան, որ ավելի երկար ծածկել չեմ կարող և չի կարելի։ Իմացած եղիր, որ գոռոզ Կամիլան վերջապես տեղի տվեց և ես կարող եմ անել՝ ինչ որ կամենամ։ Եթե ես իսկույն ևեթ քեզ չեմ բացել այս տխուր ճշմարտությունը, ապա նրանից է, որ կամեցել եմ համոզվել, թե նրա ասածը վայրկենական քմահաճույք չէ՞ր արդյոք և նրա համար չէ՞, որպեսզի նա փորձի և ստուգի, թե որքան լուրջ է իմ սիրո բացատրությունը՝ արված քո թույլտվությամբ։ Ես համոզված եմ, որ եթե Կամիլան այնպիսի կին լիներ, ինչպես պետք է լինի և ինչպես մենք ենք նրան համարում, նա պետք է քեզ պատմած լիներ իմ հետապնդումների մասին։ Բայց որովհետև նա համառ լռություն է պահպանում, ես կարծում եմ, որ պետք է նրա խոստումները իրական համարեմ։ Հենց որ դու նորից տեղ գնաս, նա ինձ հետ կզվարճանա քո հանդերձատանը (իրոք, սա նրանց սովորական ժամադրավայրն էր)։ Սակայն ես կկամենայի ետ պահել քեզ վրեժխնդրությունից, որովհետև առայժմ մեղքը դեռ մտադրություն է և հնարավոր է, որ նախքան գործելը Կամիլան հետ կմտածի և կզղջա, որ այդպիսի մտադրություն է ունեցել։ Դու միշտ կամ գրեթե միշտ հետևել ես իմ խորհուրդներին, հետևի՛ր մի անգամ էլ, որպեսզի խելամուտ խորհրդածություններից հետո, առանց սխալվելուց երկյուղ կրելու, ընդունես ամենահարմար որոշումը։ Դու այնպես ցույց տուր, իբրև թե առաջվա պես պետք է մի երկու֊երեք օրով գնաս, իսկ ինքդ թաքնվիր հանդերձատանը։ Այնտեղ շատ կահ֊կարասի և գորգ կա, այնպես որ թաքնվելը դժվար չի լինի։ Եվ մենք մեր սեփական աչքերով այն ժամանակ կտեսնենք, թե Կամիլան մտքումը ինչ է դրել։ Եթե նա անհավատարիմ կին դուրս գա, տարաբախտաբար երկյուղ կա, որ այդպես լինի, դու թաքուն, խելացի և հանգիստ քո պատվի համար վրեժխնդիր կլինես։ | ||
+ | |||
+ | Լոտարիոյի խոսքերը շշմեցրին, ապշեցրին ու զարմացրին Անսելմոյին, որովհետև միանգամայն անսպասելի էին։ Նա համոզված էր, որ Կամիլան Լոտարիոյի կեղծ պաշարումից հաղթական է դուրս եկել, և ինքը լցվում էր հպարտությամբ։ Երկար նա լուռ ու անթարթ նայում էր ոտների տակը, ապա թե վերջապես ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լոտարիո, դու իսկական բարեկամի պես վարվեցիր։ Ես կհետևեմ քո բոլոր խորհուրդներին։ Արա, ինչ որ կուզես, միայն թե գաղտնապահ եղիր, ինչպես այդ պահանջում է նման անսպասելի դեպք։ | ||
+ | |||
+ | Լոտարիոն խոստացավ, սակայն դուրս եկավ թե չէ, զղջաց իր անմիտ արարմունքի համար։ Չէ՞ որ նա ինքը կարող էր վրեժխնդիր լինել Կամիլայից և ոչ այդքան դաժան ու ամոթաբեր միջոցով։ Նա անիծում էր իր խելագարությունը, մեղադրում իրեն թեթևամտության համար և չգիտեր, թե ինչ աներ իր սխալն ուղղելու և որևէ խելացի ելք գտնելու համար։ Վերջ ի վերջո նա վճռեց ամեն ինչ խոստովանել Կամիլային և նույն օրը, առանց դժվարության, նրա հետ մենակ տեսակցելու հնար գտավ։ Հազիվ տեսնելով նրան, Կամիլան, համոզվելով, որ իրենց լսող չկա, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սիրելի Լոտարիո, սրտիս վրա մեծ ծանրություն կա, որ սաստիկ ճնշում է ինձ, այնպես որ սիրտս պատրաստ է պատռվելու և զարմանալի կլինի, եթե այդ չպատահի։ Լեոնելայի անամոթությունը այն աստիճանի է հասել, որ ամեն գիշեր իմ տանը պահում է իր սիրահարին, որ մնում է հետը ողջ գիշերը։ Ախր եթե մեկն ու մեկը տեսնելու լինի, որ իմ տնից այնպիսի արտասովոր պահին տղամարդ է դուրս գալիս, կունենա իրավունք կասկածելու ինձ անպատվության մեջ։ Մանավանդ ինձ վշտացնում է, որ ես նրան ոչ հանդիմանել եմ կարող, ոչ պատժել, որովհետև նա գիտի մեր գաղտնիքը, և ես հարկադրված եմ լռել և աչքերս փակել, որ նրա վարքը չտեսնեմ։ Սակայն ես վախենում եմ, որ դրանից որևէ դժբախտություն ծագի։ | ||
+ | |||
+ | Սկզբում, լսելով Կամիլայի խոսքերը, Լոտարիոն կարծեց, որ նա խորամանկություն է բանեցնում և ուզում է հավատացնել իրեն, որ անծանոթը նրա մոտ չի գալիս, այլ Լեոնելայի։ Սակայն տեսնելով, որ նա սաստիկ հուզված է, լալիս ու խնդրում է իր օգնությունը, հավատաց, որ այդ ամենը ճշմարիտ է։ Իսկ հավատալով, նա առավել ևս ամոթահար եղավ և զղջաց իր արածի համար։ Այնուհանդերձ նա խնդրեց, որ Կամիլան չվշտանա և խոստացավ հնար գտնել Լեոնելայի լրբությունը զսպելու համար։ Ապա նա խոստովանեց, որ կատաղի խանդից կուրացած՝ նա ամեն բան պատմել է Անսելմոյին և որ նա, համաձայն պայմանի, թաքնվելու է հանդերձատանը, որպեսզի իր աչքերով տեսնի նրա անհավատարմությունը։ Նա աղաչեց, որ Կամիլան ների իր խելագարությունը և օգնի ամեն բան այնպես դասավորելու, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ այն անիծած լաբիրինթոսից, ուր նետել է իրեն իր անխոհեմությունը։ | ||
+ | |||
+ | Կամիլան սկզբում զարմացավ Լոտարիոյի խոստովանությունից, ցասումով ու խելացի նախատեց ու կշտամբեց իր վրա ունեցած ստոր կարծիքի և հուսահատ ու անմիտ որոշումի համար։ Եվ, որովհետև կնոջ խելքը ավելի արագ է վճիռ կայացնում թե՛ բարի, թե՛ չար գործի նկատմամբ (փոխարենը անընդունակ լինելով ուղիղ և հանգիստ քննարկելու), ապա Կամիլան իսկույն ելք գտավ այդ, ըստ երևույթին, անելանելի դրությունից։ Նա Լոտարիոյին ասաց, որ այնպես անի, որ Անսելմոն հետևայլ օրը թաքնվի, որտեղ որ վճռել էր և որ իր կողմից ինքը մի հնար կգտնի թաքնվելու հնարավորություն ընձեռնելու Անսելմոյի համար։ Ապա, առանց Լոտարիոյին բանալու իր ծրագիրը, Կամիլան ավելացրեց, որ Անսելմոյի թաքնվելուց հետո, նա պետք է գա, հենց որ Լեոնելան նրան կանչի և այնպիսի պատասխաններ տա, ասես թե նա չի էլ կասկածում, որ մեկը կարող է ներկա լինել։ Լոտարիոն սկսեց պնդել, որ նա մինչև վերջ բանա իր ծրագիրը, որպեսզի ինքը ավելի վստահ ու հաստատ գործի։ | ||
+ | |||
+ | ― Իմացած եղիր, սիրելի Լոտարիո, որ դու պիտի միայն իմ տված հարցերին պատասխանես, ― պատասխանեց Կամիլան։ | ||
+ | |||
+ | Սա չկամեցավ իր ծրագրի մանրամասների մեջ մտնել, վախենալով, որ միգուցե Լոտարիոն հավանություն չտա։ Նրան այդ ծրագիրը շատ լավն էր թվում, իսկ նա կարող էր պակաս հաջողի ետևից ընկնել։ Լոտարիոն գնաց այդ այդ որոշմամբ։ Հետևյալ օրը Անսելմոն մեկնեց այն պատրվակով, որ պիտի գյուղ գնա իր բարեկամի մոտ, ապա վերադարձավ ու թաքնվեց։ Նա դյուրությամբ կարողացավ այդ անել, որովհետև Կամիլան ու Լեոնելան նրան այդ բանում օգնեցին։ Կարելի է երևակայել, թե ինչ հուզմունքով թաքնվեց նա՝ չէ՞ որ նա սպասում էր, որ ահա՝ նրա աչքերի առջև իր պատիվը պիտի պատառբզիկ անեն, որ նա պիտի կորցնի այն, ինչ իր մեծագույն գանձն էր համարում՝ իր սիրելի Կամիլային։ Համոզվելով, որ Անսելմոն թաքնվել է, Կամիլան Լեոնելայի ուղեկցությամբ ներս մտավ սենյակը և հազիվ էր անցել շեմքից, որ խորունկ հառաչանքով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ախ, սիրելի Լեոնելա, ավելի լավ չի՞ լինի, որ իմ մտադրությունը իրագործելու փոխարեն, որ ես չեմ բանա, որովհետև վախենում եմ, որ ինձ կկանգնեցնես։ Անսելմոյի դաշույնը, որ հրամայեցի քեզ բերես, դու մխրճես իմ անարժան սիրտը։ Ասենք՝ արդարացի չի լինի, որ ես պատժվեմ ուրիշի հանցանքի համար։ Ես նախապես ուզում եմ իմացած լինել, թե ինչ են տեսել Լոտարիոյի հանդուգն ու հանցավոր աչքերը մեջս, որ նրան սիրտ է տվել բանալ ինձ իր ամոթալի կիրքը՝ անպատվելով ինձ և խայտառակելով իր բարեկամին։ Մոտեցիր լուսամուտին, Լեոնելա և կանչիր նրան, ես վստահ եմ, որ նա, կանգնած փողոցում, սպասում է վայրկյանին, որ կատարի իր անբարի մտադրությունը, սակայն նախապես կկատարվի իմ դժնի, բայց պատվաբեր մտադրությունը։ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, տիրուհի, ― պատասխանեց խելքը գլխին և նախապես սովորեցրած Լեոնելան, ― ինչի՞դ է պետք այդ դաշույնը։ Մի՞թե դու ուզում ես ինքնասպան լինել կամ Լոտարիոյին սպանել։ Այդ երկու գործն էլ կկործանի քո բարի անունն ու համբավը։ Ավելի լավ է, որ քողարկես քո վիրավորանքը և թույլ չտաս, որ այդ չար մարդը տուն մտնի, երբ որ մենք մենակ ենք։ Խորհի՜ր, տիրուհի, մենք թույլ կանայք ենք, իսկ նա ― վճռական տղամարդ։ Ի՞նչ կլինի, եթե նա, կուրացած իր վատթար կրքից, նախքան դու քո մտադրությունը կատար ածես, խլի քեզնից այն, ինչ որ քեզ համար կյանքից էլ թանկ է։ Թող Աստված պատժի սինյոր Անսելմոյին, որ հաճել է այդպիսի իշխանություն տալ այս տանը այդքան ցոփ մարդուն։ Սակայն եթե դու նրան սպանելու էլ լինես, տիրուհի, այդ է կարծեմ քո միտքը, ի՞նչ ենք անելու նրա դիակը։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ արած, սիրելիս, ― պատասխանեց Կամիլան, ― թող նրան թաղի Անսելմոն։ Արդարացի չի՞ լինի արդյոք այդ դժվարությունը նրան պարգևել ի տրիտուր այն դժվարության, որ ես եմ հանձն առել թաքցնելու նրա խայտառակությունը հողի ծոցում։ Շտապիր, շուտով կանչիր նրան։ Ինձ թվում է, թե այն ժամանակը, որ ես հապաղում եմ ինձ հասցրած անպատվության վրեժը լուծել, վիրավորանք է հավատարմությանը, որ ես պարտական եմ իմ ամուսնուն։ | ||
+ | |||
+ | Այդ ամենը Անսելմոն լսում էր և Կամիլայի ասած յուրաքանչյուր խոսքը փոխում էր նրա միտքը։ Սակայն երբ նա լսեց, որ կինը վճռել է սպանել Լոտարիոյին, նա կամեցավ դուրս գալ և բացվել, որպեսզի խանգարած լինի, սակայն նա զսպեց իրեն, ցանկանալով տեսնել, թե այդ խիզախ և ազնիվ վճիռը ուր կտանի կնոջը, որ վերջին վայրկյանին դուրս գա և խանգարի։ | ||
+ | |||
+ | Այդ վայրկյանին Կամիլան ուշագնաց լինելու ձև արեց և վայր ընկավ մահճակալի վրա, որ մոտ էր դրված, իսկ Լեոնելան սկսեց դառնագի՛ն լալ, ասելով․ | ||
+ | |||
+ | ― Վա՜յ ինձ, դժբախտիս։ Այդ էր մնում, որ տեսնեի, թե ինչպես իմ ձեռքերի վրա շունչը փչի աշխարհիս երեսին պատվարժանության ծաղիկը, առաքինի կանանց պսակը, ողջախոհության օրինակը։ | ||
+ | |||
+ | Եվ հազար ու մի մակդիրներ էր շարում, որ լսողը կասեր, թե սպասուհին աշխարհիս երեսին ամենապատվավոր ու հավատարիմ աղջիկն է, իսկ տիրուհին նոր հալածական Պենելոպա։ Քիչ անց Կամիլան, ուշքի գալով, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ինչո՞ւ չես գնում, Լեոնելա, կանչես այն բարեկամին, որից ավելի անհավատարիմը ոչ արևն է լուսավորել, ոչ գիշերը թաքցրել։ Շտապի՛ր, վազի՛ր, թռի՛ր, որ հապաղումից չհովանա իմ ցասումի կրակը և սպառնալիքների ու անեծքների մեջ չհագենա իմ արդարացի վրեժխնդրության ծարավը։ | ||
+ | |||
+ | ― Գնում եմ, գնում տիրուհի, ― պատասխանեց Լեոնելան, ― սակայն նախապես տուր ինձ այդ դաշույնը, որովհետև ես վախենում եմ, որ իմ բացակայության միջոցին դու կարող ես այնպիսի բան անել, որի համար բոլոր քեզ սիրողները ողջ կյանքը ողբան։ | ||
+ | |||
+ | ― Գնա, սիրելի Լեոնելա, ― պատասխանեց Կամիլան, ― մի՛ վախենար։ Թեև իմ խորհած վրեժխնդրությունը քո աչքում խիզախ ու պարզամիտ է երևում, այնուհանդերձ ես Լուկրեցիային չեմ հասնի, որ անմեղ տեղով ինքնասպան եղավ առանց նախապես սպանելու իր դժբախտության մեղապարտին։ Ես ուզում եմ մեռնել՝ դա անկասկած է, սակայն ոչ առաջ, քան ես վրեժ կառնեմ նրանից, ով հարկադրել է ինձ այստեղ ողբալու մի վիրավորանք, որի պատճառը ես չեմ եղել։ | ||
+ | |||
+ | Լեոնելան իրեն երկար խնդրել տվեց, մինչև որ գնաց Լոտարիոյի ետևից։ Նրա բացակայության միջոցին Կամիլան կեղծ խոսում էր ինքն իր հետ, ասելով․ | ||
+ | |||
+ | ― Տեր աստված, ավելի լավ չէ՞ր լինի այս անգամ էլ Լոտարիոյին վռնդած լինեի, ինչպես հաճախ արել եմ, քան նրան առիթ տայի ինձ անպատիվ ու վատ կին համարելու, որքան էլ այդ մոլորությունը վաղանցուկ լինի։ Այո՛, իհարկե, այդպես ավելի լավ կլիներ։ Սակայն ես վրեժս հանած չէի լինի, ոչ էլ բավարարած ամուսնուս պատիվը, եթե նա ողջ ու առողջ գնալու լինի այստեղից, ուր նրան վատ ծրագիրն է բերել։ Այո, թող դավաճանը վճարի իր կյանքը իր անզգամ ծրագրի համար։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ Կամիլան ոչ միայն հավատարիմ մնաց իր ամուսնուն, այլև իր ձեռքով վրեժ լուծեց նրանից, ով որ խիզախեց իրեն վիրավորել։ Սակայն պետք չէ՞ր արդյոք տեղյակ կացուցանել Անսելմոյին։ Ես մի քանի անգամ խոսք բաց արի այն նամակից, որ ուղարկեցի նրան գյուղ, բայց նա չշտապեց վերադառնալ, որպեսզի օգնի ինձ սպառնացող վտանգի միջոցին՝ լինելով չափազանց բարի և դյուրահավատ, նա, երևի, չէր ուզում և չէր կարող հավատալ, որ այնքան փորձված բարեկամի կրծքում ծագել է որևէ մտադրություն իր պատվի դեմ։ Ես ինքս էլ երկար ժամանակ այդպես էի կարծում և կշարունակեի այդպես կարծել, եթե Լոտարիոյի հանդգնությունը ծայր աստիճանի չհասներ, չարտահայտվեր շքեղ ընծաներով, երկար ու բարակ հավատացումներով ու մշտական արցունքներով։ Սակայն ինչի՞ են պետք բոլոր այս խոսքերը։ Մի՞թե խիզախ վճիռը խորհուրդի է կարոտ։ Ոչ, իհարկե։ Զգույշ կաց, դավաճան, քեզ վրեժ է սպասում։ Թող հանդես գա դավաճանը, թող ներս մտնի, մոտենա, մեռնի և անհետանա, իսկ հիմա՝ ինչ լինում է, թող լինի։ Ես մաքուր եմ մտել տունը մի մարդու, որ երկնքից առաքված էր ինձ ամուսին և մաքուր էլ դուրս կգամ, անգամ եթե ստիպված լինեմ իմ անարատ արյունը խառնելու աշխարհիս ամենանենգ բարեկամի անմաքուր արյան հետ։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերը նա արտասանում էր մերկ դաշույնը ձեռքին, սենյակում ետ ու առաջ գնալով, այնպիսի անկարգ ու սաստիկ շարժ ու ձևերով, որ կարծես թե կորցրել էր խելքը և քնքուշ կինը կատաղի ոճրագործ է դառել։ | ||
+ | |||
+ | Անսելմոն այդ ամենը լսում էր վարագույրի ետևից, որտեղ թաքնվել էր, հիանում էր ու խորհում, որ այն ամենը, ինչի վկա եղավ ինքը, պետք է ցրի ամեն կասկած։ Նա նույնիսկ կկամենար, որ Լոտարիոն չգար, որովհետև վախենում էր, որ հանկարծ այս գործը վատ վերջավորության հանգի։ Նա պատրաստ էր դուրս գալու, ներկայանալու Կամիլային և գրկելով նրան, բանալու նրան ողջ ճշմարտությունը, սակայն հանկարծ տեսավ, որ Լեոնելան ներս է բերում Լոտարիոյին, բռնած նրա ձեռքից։ Տեսնելով նրան, Կամիլան դաշույնով հատակին գիծ քաշեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լսիր, Լոտարիո, եթե դու հանդգնես այս գիծն անցնել կամ նույնիսկ մոտենալ նրան, ես նույն վայրկյանին կխրեմ այս դաշույնը, որ ձեռքիս է կրծքիդ մեջ։ Սակայն նախքան սրան պատասխանելը, լսիր, թե էլ ինչ կասեմ ես, ապա թե դու կպատասխանես ինձ, ինչ որ կամենաս։ Նախ և առաջ, ասա ինձ, Լոտարիո, ճանաչո՞ւմ ես դու իմ ամուսին Անսելմոյին և ի՞նչ կարծիքի ես դու նրա մասին, ապա, հարց եմ տալիս քեզ՝ ճանաչո՞ւմ ես դու ինձ։ Պատասխանեիր ինձ առանց քաշվելու և երկար ու բարակ խորհելու, որովհետև դժվար հարցեր չեմ տվել ես։ | ||
+ | |||
+ | Լոտարիոն այնքան էլ պարզամիտ մեկը չէր, որ գլխի չընկներ Կամիլայի ուզածը առաջին իսկ խոսքից, մանավանդ որ գիտեր Անսելմոյի թաքնված լինելու մասին։ Ուստի նա այնքան ճարպիկ ու տեղին պատասխան տվեց, որ ամեն ոք ճշմարտություն կհամարեր այն առասպելը, որ նրանք երկուսով հերյուրում էին։ | ||
+ | |||
+ | ― Ես չէի կարծում, ― ասաց նա, ― չքնաղ Կամիլա, որ դու ինձ կանչել ես այստեղ, որպեսզի այնպիսի բաներից հարց ու փորձ անես, որ իմ գալու նպատակի հետ ոչ մի կապ չունեն։ Եթե դա մի հնար է ինձ խոստացածդ պարգևից խուսափելու համար, ապա ինչո՞ւ էիր ինձ առաջուց հուսադրում։ Չէ՞ որ այնքան ավելի է հրապուրում մեզ նպատակը, որքան ավելի մոտ է լինում հասնելու վայրկյանը։ Սակայն որպեսզի դու չմեղադրես ինձ, թե ես չպատասխանեցի քո հարցերին, ես քեզ կասեմ, որ ճանաչում եմ քո ամուսին Անսելմոյին։ Մենք մանուկ հասակից մտերիմ ենք եղել։ Ես չեմ խոսի մեր բարեկամության մասին, որ քեզ բավականին հայտնի է, որովհետև ես ստիպված պիտի լինեի խոստովանելու, որ վիրավորել եմ այդ բարեկամությունը։ Պատճառը՝ ամենակարող սերն է, որ արդարացնում է մեծագույն ոճիրները։ Քեզ էլ եմ ճանաչում ես և դու ինձ համար պակաս թանկ չես, քան թե նրա համար։ Եթե քո արժանիքները չլինեին, ես իմ պատվի և ճշմարիտ բարեկամության օրենքների հակառակ չէի գնա։ Բայց սերը հզոր թշնամի է՝ նա ստիպում է խախտել և բռնաբարել այդ օրենքները։ | ||
+ | |||
+ | ― Այդ անարժան խոստովանանքից հետո, ― ասաց Կամիլան, ― պատասխանի՛ր ինձ, մահացու թշնամի այն ամենի, ինչ արժանի է սիրո, ինչպե՞ս ես համարձակվում դու ներկայանալ ինձ, իմանալով, որ ես ― հայելի եմ, որի մեջ նայում է նա, որին դու պետք է հիշեիր, որպեսզի հասկանայիր, թե որքան անտեղի վիրավորում ես նրան։ Սակայն վա՜յ ինձ, ես, կարծեմ, սկսում եմ հասկանալ, թե ինչն է ստիպել քեզ պատվի պարտքը մոռանալու՝ երևի թե դու իմ մեջ նկատել ես որոշ ներողամտություն, ես չեմ անվանի սանձարձակություն, որովհետև նրա մեջ որոշ մտադրություն չի եղել։ Որովհետև երբ որ մեզ՝ կանանցս, թվում է, թե զգուշանալու կարիք չկա, մենք հաճախ անզգույշ կերպով մեզ թույլ ենք տալիս որոշ ազատություն մեր վարվեցողության մեջ։ Եթե այդպես չէ, ապա ասա ինձ, դավաճան, քո բոլոր աղերսանքներին ես գեթ մեկ բառով պատասխանե՞լ եմ, գեթ մեկ նշանով, որ քո մեջ կարող լիներ հույսի ստվեր առաջ բերել, թե քո պախարակելի ցանկությունը կարող է իրագործվել։ Մի՞թե ես խստությամբ ու զայրույթով չեմ վանել քո խոստումները, լսելով քո սիրո բացատրությունները։ Մի՞թե ես հավատ եմ ընծայել քո առատ խոստումներին, մի՞թե ես ընդունել եմ քո առավել առատ նվերները։ Սակայն ես կարծում եմ, որ սիրո հուրը չի կարող այդքան երկար բոցավառվել, եթե նրան չի սնում հույսը և քո խելագարության համար ես ինքս ինձ եմ մեղադրում։ Անշուշտ, իմ անփութությունը ուժ է տվել քո կրքին և ահա՛, ես կամենում եմ ինքս ինձ պատժել, որին դու ես արժանի։ Հիմա դու կտեսնես, որ ես իմ նկատմամբ պակաս անսիրտ չեմ, քան քո նկատմամբ։ Ես քեզ կանչել եմ, որ դու զոհի վկա լինես, որ ես կամենում եմ մատուցանել իմ հարգելի ամուսնու անարգված պատվին։ Դու բոլոր ուժով աշխատել ես վիրավորել նրան, ես ևս վիրավորվել եմ, զգուշանալով քո հետապնդումներից և դրանով քո անմաքուր մտադրությունները ամրացնելով ու քաջալերելով։ Մեկ էլ կասեմ՝ այն միտքը, որ իմ անզգուշությունը քո մեջ այդքան խելահեղ ցանկություն է արթնացրել, ինձ ամենից շատ է տանջում և դրա համար ես իմ սեփական ձեռքերով ուզում եմ ինձ մահապատժի ենթարկել, որովհետև եթե այդ ուրիշ վիրժառու անելու լինի, ապա միգուցե, իմ հանցանքի լուրը տարածվի։ Սակայն մեռնելով ես կսպանեմ և քաշ կտամ ետևիցս նրան, որի մահը կհագեցնի իմ վրեժխնդրության ծարավը։ Թող արդար և անոխակալ դատաստանը պատժի նրան, ով որ ինձ հասցրել է հուսահատության այդ աստիճանին։ | ||
+ | |||
+ | Այդ ասելով, նա, մերկ դաշույնը ձեռքին, հարձակվեց Լոտարիոյի վրա այնպիսի ուժգնությամբ ու արագությամբ, որ նա մտածեց՝ իսկ եթե հանկարծ դա կեղծ չէ և կինը, իրոք, մտադիր է իրեն սպանե՞լ։ Նրան պետք եղավ գործադրել իր ամբողջ ուժը և ճկունությունը, որպեսզի բռնի նրա ձեռքը, ― այդքան զարմանալի ճշմարտանման էր ստում ու կեղծում Կամիլան։ Որպեսզի այդ պատկերը ավելի ևս համոզեցուցիչ դարձնի, նա վճռեց կնքել իր սեփական արյունով և դրա համար, համոզվելով (կամ ձևացնելով), որ չի կարող հարված հասցնել Լոտարիոյին, բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Քանի որ բախտը մերժում է իմ արդարացի ցանկության կատարմանը ամբողջապես, որքան էլ նա ամենազոր լինի, նա չի կարող խանգարել ինձ գեթ մասամբ կատարելու։ | ||
+ | |||
+ | Կամիլան ճիգ արեց և ազատեց իր ձեռքը, որ բռնել էր Լոտարիոն, և դաշույնի սուր ծայրը իրեն ուղղելով, սակայն, այն հաշվով, որ խորը չվիրավորի իրեն, խոցեց իր ձախ կողքը, մի քիչ ուսից ցածր և վայր ընկավ հատակի վրա, իբրև թե ուշագնաց եղավ։ | ||
+ | |||
+ | Լոտարիոն էլ, Լեոնելան էլ, զարմացած ու ցնցված այս անցուդարձից, գլխի չէին ընկնում սա իրականությո՞ւն է, թե՞ խաղ։ Կամիլան պառկած էր նրանց աչքի առջև գետնին, արնաշաղախ։ Սարսափից շնչակտուր, Լոտարիոն հապճեպ նետվեց դեպի նա և պոկեց վերքի միջից դաշույնը, բայց տեսնելով, որ վերքն աննշան է, հանգստացավ և նորից զարմացավ չքնաղ Կամիլայի խորամանկությունից ու խելքից։ Որպեսզի իր դերից դուրս եկած չլինի, նա սկսեց վշտագին ու ձայնով ողբալ Կամիլային, իբրև ննջեցյալի, անեծք թափելով ոչ միայն իր վրա, այլև դժբախտության գլխավոր մեղապարտի։ Իմացած լինելով, որ բարեկամ Անսելմոն ամեն ինչ լսում է, նա այնպիսի բաներ էր ասում, որ նրան յուրաքանչյուր լսողը ավելի նրան կխճար, քան կործանված Կամիլային։ Լեոնելան իր տիրուհու ուսերից բռնած բարձրացրեց նրան և դրեց անկողնու վրա, աղաչելով, որ Լոտարիոն վազի բժշկի ետևից, որպեսզի ծածուկ բժշկի նրա վերքը։ Նա նույնպես խորհուրդ հարցրեց, թե ինչ ասի Անելմոյին, եթե պատահմամբ նա ավելի շուտ վերադառնալու լինի, քան թե Կամիլան առողջանա։ Լոտարիոն պատասխանեց, որ նա կարող է խելքին եկածն ասել և որ ինքը հիմա ի վիճալի չէ լավ խորհուրդ տալու։ Նա միայն խնդրեց, որ վերքից հոսող արյունը շուտով կանգնեցնի, ավելացնելով, որ ինքը հիմա պիտի մարդկանց աչքերից թաքնվի։ Այսպես գնաց նա, ձևացնելով իրեն դարդամահ եղած։ Հանելով այնպիսի տեղ, որտեղ ինքը մենակ էր և այլևս ոչ ոք նրան չէր կարող տեսնել, նա երկար ժամանակ երեսը խաչակնքում ու զարմանում էր, թե ինչ ճարտար կին է Կամիլան և ճարպիկը՝ Լեոնելան։ Նա միտք էր անում, թե հիմա որքան անսասան է Անսելմոյի համոզումը, որ իր կինը երկրորդ Պորցիան է։<ref>Նկատի է առնվում Բրուտոսի (Կեսարի հակառակորդի) կինը՝ բարոյական կայունության և անարատության նմուշ։</ref> Նա ուզում էր շուտով հանդիպել նրան և միասին տոնել այդ ձեռնարկի հաջողությունը։ Չէ՞ որ երբեք սուտը ճշմարտության վրա այսպիսի հաղթանակ տարած չի եղել աշխարհիս երեսին։ Լեոնելան, ինչպես ասվեց, կանգնեցրեց տիրուհու արյունը, ― իսկ արյունը ճիշտ այնքան էր դուրս եկել, որքան անհրաժեշտ է սարքովի բանը ճշմարտապատում երևեցնելու համար, ― ապա վերքը լվաց գինիով և կապեց, ինչպես կարողացավ, միաժամանակ այնքան ցավագին խոսելով, որ լոկ նրա խոսքերը, առանց նախընթացաբար տեղի ունեցածի, կարող էին Անսելմոյին համոզել, որ իր կինը՝ առաքինության մարմնացում է։ Վերջապես Կամիլան էլ խոսեց՝ նա ինքն իրեն թուլամորթ ու երկչոտ էր անվանում, գանգատվում էր, թե արիությունը լքեց իրեն վճռական վայրկյանին և թե չկարողացավ անջատվել ատելի կյանքից։ Նա խորհրուրդ էր անում Լեոնելայի հետ՝ պե՞տք է արդյոք պատահածի մասին պատմել սիրեցյալ ամուսնուն, սա էլ պատասխանում էր, որ լավ է չպատմել, թե չէ Անսելմոն հարկ կհամարի վրեժխնդիր լինել Լոտարիոյից, իսկ դա կնշանակի, որ նա իր կյանքը վտանգի տակ կդնի, իսկ բարի կինը չպիտի հրի իր ամուսնուն կռվի, այլ ընդհակառակը՝ պետք է նրան ետ պահի։ Կամիլան պատասխանեց, որ խորհուրդն իր սրտով է և ինքը կհետևի, սակայն, այնուհանդերձ պետք է խորհել, թե ինչպես բացատրել Անսելմոյին վերքի ծագումը, որ նա չի կարող չնկատել։ Դրան Լեոնելան պատասխանեց, որ ինքը անգամ հանաք֊հանաք չի կարող սուտ ասել։ | ||
+ | |||
+ | ― Ավա՜ղ, ես էլ, ― ասաց Կամիլան։ ― Ես սիրտ չեմ անի մի բան սարքել՝ կամ հնարել, անգամ եթե դրանից կախված լինի իմ կյանքը։ Իսկ քանի որ դրանից բան դուրս չի գա, ապա ավելի լավ չի՞ լինի, առանց խորամանկություն բանեցնելու, Անսելմոյին ասել զուտ ճշմարտությունը։ | ||
+ | |||
+ | ― Հոգ մի տանիր, տիրուհի, ― պատասխանեց Լեոնելան, ― ես մինչև էգուց մի բան կխորհեմ։ Ասենք՝ վերքդ էլ այնպիսի տեղում է, որ ով գիտե, գուցե հաջողվի թաքցնել ամուսնուցդ։ Աստված ողորմած է, նա կօգնի մեր ազնիվ և արդարացի մտադրությունն իրագործելու։ Իսկ հիմա հանգստացիր, տիրուհի, և աշխատիր հանդարտվել, որպեսզի Անսելմոն քեզ այդքան հուզված չտեսնի։ Մնացածը ինձ վրա դիր և Աստծու, որ միշտ օգնում է բարի մտադրություններն իրագործելու։ | ||
+ | |||
+ | Ուշի ուշով լսում էր Անսելմոն և տեսնում իր պատվի եղերնագործության մահվան ներկայացումը, որի գործող անձինք այնպիսի հափշտակությամբ և այնքան բնական էին խաղում, որ ասես թե այն մարդիկն էին դառել, որոնց դերը կատարում էին։ Նա անհամբեր սպասում էր իրիկնաժամին, որպեսզի տնից դուրս գա, հանդիպի իր բարի բարեկամ Լոտարիոյին և նրա հետ տոնի այդ ուրախ անցքը՝ չէ՞ որ նա կասկածում էր իր կնոջ հավատարմությանը, իսկ դուրս եկավ, որ նա առաքինության գոհար է։ Կամիլան ու Լեոնելան նրան հարմար առիթ տվին հանդերձատնից դուրս գալու համար և նա իսկույն օգտագործեց այդ առիթն ու շտապեց Լոտարիոյի մոտ։ Դժվար է պատմել, թե ինչպես էր նա գրկում Լոտարիոյին, արտահայտում իր հիացումն ու գովաբանում Կամիլային։ Լոտարիոն լսում էր և չէր կարողանում ստիպել իրեն դեմքին ուրախ արտահայտություն տալու, որովհետև նա միտք էր անում, թե ի՜նչ սաստիկ խաբված է Անսելմոն և ինչ անարդարացի նա վիրավորել է իր բարեկամին, իսկ Անսելմոն, տեսնելով որ նա տխուր է, մտածեց, որ իր բարեկամին տանջում է Կամիլայի վերքի մասին միտքը և այն, որ ինքն է մեղավոր։ Ուստի նա ի միջի այլոց ասաց Լոտարիոյին, որ Կամիլայի վիճակը նրան չպիտի անհանգստացնի, որ վերքն, անկասկած, վտանգավոր չէ, քանի որ իրենք մտադիր են իրենից թաքցնել և որ հուզվելու կարիք չկա, ― հետևաբար Լոտարիոն կարող է իր հետ ուրախանալ ու ցնծալ՝ չէ՞ որ նրա օգնության և խորամանկության նրա բարեկամը հիմա երջանկության գագաթնակետին է հասել։ Մի բան է նրան մնացել անելու՝ ոտանավորներ ձոնել Կամիլային, որպեսզի անմահացնի նրա հիշատակը գալիք սերունդների համար։ Լոտարիոն գովեց նրա իմաստուն որոշումը և ասաց, որ կարյաց չափ կաջակցի այդ հոյակապ հուշարձանի կառուցմանը։ | ||
+ | |||
+ | Աշխարհիս երեսին դեռ ոչ ոք այդքան զվարճալի խաբված չի եղել, ինչպես Անսելմոն։ Նա ինքը, ձեռքից բռնած, իր տունը մտցրեց նրան, որին նկատում էր իբրև իր փառքի գործիք և որ նրա բարի անվան կործանողը դարձավ։ Կամիլան նրան դիմավորեց քիթ ու մռութը կիտած, բայց ուրախ սրտով։ Այդ խաբեությունը միաժամանակ շարունակվեց, մինչև որ մի քանի ամիս անց, բախտը շուռ տվեց իր անիվը։ Եվ հանցագործությունը, որ մինչ այդ այնքան վարպետորեն թաքցված էր, աշխարհ դուրս եկավ, և Անսելմոն զրկվեց կյանքից իր անխոհեմ հետաքրքրության համար։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXV== | ||
+ | |||
+ | Ուր պատմվում է դոն Կիխոտի դժնակ և արտասովոր մարտի մասին ընդդեմ կարմիր գինու տկերի և Անխոհեմ հետաքրքիրի վեպի վերջավորությունը | ||
+ | |||
+ | |||
+ | Մինչև վեպի ընթերցանության ավարտումը մի քանի էջ էր մնացել, որ դոն Կիխոտի քնած սենյակից սարսափահար դուրս վազեց Սանչո Պանսան գոռալով․ | ||
+ | |||
+ | ― Վազեք այստեղ, սինյորներ, շտապով օգնության հասեք։ Իմ տերը դժնակ պայքար է մղում, որից ահավորը իմ աչքերը դեռ չեն տեսել։ Աստված վկա, նա այնպիսի հարված հասցրեց հսկային՝ Միկամիկոնայի տիրուհի իշխանուհու թշնամուն, որ գլուխը թռցրեց, բողկի պես։ | ||
+ | |||
+ | ― Այդ ի՞նչ եք ասում, եղբայր, ― ասաց քահանան՝ ընդհատելով ընթերցանությունը։ ― Խելքդ գլխի՞դ է, Սանչո։ Ինչպե՞ս կարող է այդ պատահել, սատանան տանի, քանի որ հսկան այստեղից երկու հազար մղոն հեռու է։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին սենյակից լսվեց դոն Կիխոտի սաստիկ աղմուկն ու աղաղակը։ | ||
+ | |||
+ | ― Կա՛ց, գող, ավազակ, դավաճան, դու իմ ձեռքում ես և քո յաթաղանը քեզ չի օգնի։ | ||
+ | |||
+ | Եվ թվում էր, որ միևնույն ժամանակ նա կատաղի հարվածներ էր հասցնում պատերին։ Սանչոն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք կանգնել, ականջ դնում, եկեք, բաժանեցեք նրանց կամ թե օգնեցեք տիրոջս, թեև, կարծեմ, կարիք չկա, որովհետև անտարակույս հսկան սպանված է և հիմա Աստծուն հաշիվ է տալիս իր անցյալ անբարիշտ կյանքի համար։ Ես տեսա, ինչպես էր արյունը թափվում և ինչպես թռավ նրա գլուխը՝ գինով լիքը տկի մեծությամբ։ | ||
+ | |||
+ | ― Գետինը մտնե՜մ, ― ասաց պանդոկապանը, ― այդ դոն Կիխոտը թե դոն Դևը կարմիր գինով լիքը տկերից մեկն է ճղել, որ նրա գլխի վերևը կախած է։ Գինին թափվել է, իսկ այդ ղոչաղը երևակայել է, թե արյուն է։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերով նա բոլոր մնացածների ուղեկցությամբ ներս մտավ սենյակը և նրանք տեսան դոն Կիխոտին ամենազարմանալի հագուստով։ Նա մի շապիկ ուներ հագին, այն էլ այնքան կարճ, որ առջևից հազիվ էր ծածկում նրա ազդրերը, իսկ ետևից մի վեց մատ էլ ավելի կարճ էր։ Նրա մազմզոտ, երկար ու նիհար ոտները բավական կեղտոտ էին։ Նրա գլխին կարմիր ու յուղոտ գիշերային գլխարկ էր դրած, որ պատկանում էր պանդոկապանին։ Ձախ ձեռին փաթաթել էր Սանչոյին ատելի վերմակը, իրեն լավ հայտնի պատճառով, իսկ աջ ձեռքով բռնել էր մերկ թուրը, որով հարվածում էր աջ ու ձախ այնպիսի գոռոցով, ասես թե իսկ որ հսկայի հետ կռվելիս լիներ։ Սակայն ամենազվարճալին այն էր, որ այդ ամենը նա աչքերը խուփ էր անում՝ նա քնել ու երազում տեսել էր, իբր թե կռվում է հսկայի հետ։ Նրա երևակայությունն այնքան էր զբաղված առաջիկա մարտի մտքերով, որ նա երազում տեսավ, իբր թե հասել է Միկոմիկոն թագավորությունը և մարտնչում է իր թշնամու դեմ։ Եվ նա այնպես պատառբզիկ արեց տկերը, ընդունելով նրանց հսկայի տեղ, որ ողջ սենյակը ողողված էր գինով։ Այդ տեսնելով պանդոկապանը կատաղեց և, բռունցքները սեղմելով, հարձակվեց դոն Կիխոտի վրա, սկսեց նրան այնպես ծեծել, որ եթե Կարդենիոն ու քահանան չլինեին, կռիվը հսկայի հետ ավարտված կլիներ։ Սակայն ծեծն էլ չարթնացրեց խեղճ ասպետին։ Դալլաքը ստիպված ջրհորից մի մեծ կաթսա սառը ջուր բերեց և թափեց նրա գլխին։ Այստեղ միայն նա զարթնեց, այն էլ ոչ այն աստիճան, որ նկատեր, թե ինչ ունի հագին։ Դորոթեան, հայացք գցելով նրա թեթև ու կարճ հագուստին, սիրտ չարեց ներկա գտնվելու իր պաշտպանի և իր թշնամու մարտին։ Իսկ Սանչոն ամենուրեք հսկայի գլուխը որոնելուց հետո, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես արդեն գիտեի, որ այս տանը ամեն ինչ հմայված է։ Անցյալ անգամ, հենց այս տեղում, որտեղ ես կանգնած եմ, հազար հարված ստացա, իսկ թե ումից՝ չգիտեմ։ Այդպես էլ նրան չտեսա։ Հիմա էլ, ահա՝ գլուխը կորավ, մինչդեռ ես սեփական աչքերով տեսա, ինչպես կտրեցին, ինչպես արյունը հորդեց շատրվանի պես։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ արյուն, ի՜նչ շատրվան։ Աստված բոլոր սրբերի հետ թող քեզ պատժի՜, ― գոռաց պանդոկապանը, ― մի՞թե դու, սրիկա, չես տեսնում, որ արյան այս ամբողջ շատրվանը ծակծկված տիկերից է և այստեղ կարելի է կարմիր գինու մեջ լողանալ։ Թող նա հանդերձյալ կյանքում սատանաների մոտ այդպես լողանա, տե՜ս, ինչպես է ծակծկել, է՜։ | ||
+ | |||
+ | ― Բան չեմ հասկանում, ― պատասխանեց Սանչոն, ― միայն կասեմ որ, եթե ես այնքան դժբախտ լինեմ, որ այդ գլուխը չգտնեմ, ապա իմ կոմսությունը կլուծվի, ինչպես աղը ջրի մեջ։ | ||
+ | |||
+ | Սանչոն արթմնի ավելի վատթար էր, քան իր տերը երազում՝ այնպես էին դոն Կիխոտի խոստումները պտտցրել նրա գլուխը։ Պանդոկապանը, կատաղած ծառայի պաղարյությունից և տիրոջ անկարգապահությունից, երդում էր ուտում, որ այս անգամ նրանց չի հաջողվի առաջվա պես առանց վճարելու գնալ։ Հիմա նրանց ասպետական արտոնությունները չեն օգնի։ Նա կստիպի վճարել անգամ ծակված տկերի կարկատանների համար։ Քահանան բռնել էր դոն Կիխոտի ձեռները, իսկ դոն Կիխոտը, համարելով, որ իր սխրագործությունը կատարված է, և որ իր առջև իշխանուհի Միկոմիկոնան է, չոքեց քահանայի առջև և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այսուհետև, ձերդ մեծություն, բարձրազարմ ու ազնիվ տիրուհի, դուք կարող եք ապրել հանգիստ, առանց երկյուղ կրելու այդ ստոր էակի դավերից։ Իսկ ես այսուհետև ազատ եմ ինձ վրա վերցրած պարտավորությունից, քանի որ Աստծու օգնությամբ և ողորմությամբ այն կնոջ, որի համար ես ապրում ու շնչում եմ, խոստումս կատարեցի։ | ||
+ | |||
+ | ― Ես չէ՞ի ասում, ― բացականչեց Սանչոն։ ― Ես հո հարբած չէի։ Մտիկ տվեք, թե իմ տերը ինչպես է աղաջրի մեջ դրել հսկային։ Եզների ճաշն եփած է,<ref>Ցլամարտից վերցրած արտահայտություն։</ref> կոմսությունս տարա՜ծ։ | ||
+ | |||
+ | Ինչպե՞ս մարդ ծիծաղը պահեր, լսելով այս երկու ցնդածներին՝ տիրոջն ու ծառային։ Բոլորն էլ ծիծաղեցին, բացի պանդոկապանից, որ շուն էր կտրել։ Վերջապես դալլաքին, Կարդենիոյին և քահանային հաջողվեց մի կերպ դոն Կիխոտին պառկեցնել անկողին։ Նա քնեց և երևում էր, որ ծայր աստիճան հյուծվել է։ Նրանք թողին քնածին և դուրս եկան նախասենյակ՝ մխիթարելու Սանչո Պանսային, որը հսկայի գլուխը չկարողանալով գտնել, բոլորովին հուսահատվել էր։ Սակայն ամենադժվարը նրանց համար պանդոկապանին հանգստացնելն էր, որ լալիս էր իր հանկարծամահ տիկերի համար։ Իսկ պանդոկապանի կինն այդ պահին լաց ու կոծի մեջ էր։ | ||
+ | |||
+ | ― Անիծված վայրկյանին և տարաժամ մեզ մոտ եկավ այդ թափառական ասպետը։ Երանի՜ նրան տեսած չլինեի, այնքան թանկ նստեց նա մեզ վրա։ Անցյալ անգամ նա գնաց առանց վճարելու ընթրիքի, անկողնու, դարմանի, վարսակի համար, որ վերցրել էր իրեն, իր զինակրի, ձիու և էշի համար։ Նա հայտարարեց, որ ինքը ասպետ է, արկածախնդիր, Աստված նրա և ուրիշ ասպետների գլխին թող այնպիսի արկած բերի, որ նրանք ողջ կյանքը հիշեն ― և, որ նա պարտավոր չէ վճարելու։ Իբրև թե թափառական ասպետների կանոնադրության մեջ այդպես էլ գրած է։ Հետո էլ, նրա երեսից, այս սինյորը եկավ մոտս և տարավ պոչս, որ վերադարձրեց ինձ այնքան փչացած, որ վնասը երկու կուարտիլյոյից<ref>Կուարտիլյո ― ամենից մանր դրամ (⅛ ռեալ) «գրոշ»։</ref> ավելի կլինի ― այնքան մազը պոկել է, որ մարդս այլևս չի կարող նրան բանեցնել։ Իսկ այդ ամենը լրացնելու և պսակելու համար այդ անիծյալ ասպետը տկերս ծակծկոտեց և միջի գինին ողջ թափեց՝ թող նրա արյունը այդպես թափվի՜։ Թող նա չերևակայի, որ էժան կպրծնի՝ երդվում եմ հորս ոսկորներով և մորս կյանքով, նա կվճարի այդ ամենի համար մինչև վերջին կոպեկը, թե չէ ես՝ ես չեմ լինի և հորս աղջիկը չեմ լինի։ | ||
+ | |||
+ | Տանտիրուհին, սաստիկ զայրացած, շատ ուրիշ բաներ էլ ասաց, նրա բարի սպասուհի Մարիտորնեսն էլ ձայնակցում էր նրան։ Իսկ նրա աղջիկը լուռ էր և մերթ֊մերթ քմծիծաղ էր տալիս միայն։ Վերջապես քահանան նրանց հանգստացրեց, խոստանալով լավ վարձատրություն թե՛ տկերի, թե՛ գինու համար և մանավանդ կովի պոչը փչացնելու համար, որ նրանք այդքան գնահատում էին։ Դորոթեան մխիթարեց Սանչո Պանսային, ասելով, թե հենց որ հաստատվի, որ նրա տերը գլխատել է հսկային և ինքը խաղաղ տիրանա իր թագավորությանը, Սանչոն այնտեղ կստանա լավագույն կոմսությունը։ Սանչոն հանգստացավ և սկսեց հավատացնել իշխանուհուն, որ ինքն, անկասկած, տեսել է հսկայի գլուխը, և որ այդ գլխի միրուքը մինչև գոտին էր հասնում, իսկ չքացել է այն պատճառով, որ այս տանն ամեն ինչ հմայված է, ինչպես նա արդեն համոզվել է անցյալ անգամվանից։ Դորոթեան պատասխանեց, որ ինքն էլ է այդպես կարծում, ուստի չարժե նեղություն քաշել, ամեն ինչ լավ կլինի և բանը կհեշտանա։ Երբ որ բոլորը խաղաղվեցին, քահանան առաջարկեց վեպի ընթերցանությունն ավարտել, որովհետև քիչ էր մնացել։ Կարդենիոն, Դորոթեան և մնացյալները, բոլորն էլ խնդրեցին նրանից նույնը։ Տեսնելով, որ նրանք նույն հաճույքով լսում են, ինչ հաճույքով ինքը կարդում է, նա նորից վերցրեց ձեռագիրը և կարդաց հետևյալը․ | ||
+ | |||
+ | Վստահությունը, որ Անսելմոն կարծում էր, թե ձեռք է բերել իր կնոջ առաքինության նմատմամբ, դարձրել էր նրան աշխարհիս ամենագոհ ու երջանիկ մարդը։ Կամիլան, իր սերը Լոտարիոյի նկատմամբ ավելի լավ թաքցնելու համար այնպես էր ձևացնում, իբրև թե զզվում է նրանից։ Վերջապես Լոտարիոն, վերջնականապես Անսելմոյին իր կարծիքի մեջ հաստատ պահելու համար, խնդրեց նրանից, որ թույլ տա իրեն քաշվելու, քանի որ իր ներկայությունն այնքան անախորժ է Կամիլային։ Սակայն խաբված Անսելմոն ամենևին դրան չհամաձայնեց։ Այդպիսով և հազար ու մի այլ եղանակներով Անսելմոն ինքը նպաստեց իր անպատվությանը, երևակայելով, որ հասել է երջանկության։ Այնինչ Լեոնելան, հպարտացած, որ տիրուհին ճանաչել է իր սիրային կապը, հասավ կատարյալ սանձարձակության և այլևս ոչ մի բանի վրա ուշ չէր դարձնում, հավատացած լինելով, որ տիրուհին ոչ միայն կծածկի, այլև կպաշտպանի, ուստի կարող է անձնատուր լինել սիրային հաճույքներին՝ առանց մի բանից զգուշանալու։ Եվ ահա մի գիշեր Անսելմոն Լեոնելայի սենյակում ոտնաձայն լսեց։ Նա կամեցավ ներս մտնել և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց զգաց, որ մեկը ներսից բռնած պահում է դուռը։ Նա ավելի սաստիկ կամեցավ բաց անել, լարեց ուժերը, դուռը տեղի տվեց և նա նկատեց, որ մի մարդ լուսամուտից թռավ փողոց։ Նա նետվեց, որ անհայտ մարդուն բռնի կամ գոնե տեսնի նրա երեսը, բայց չկարողացավ անել ոչ այս, ոչ էլ այն, որովհետև Լեոնելան փաթաթվեց նրան ձեռներով և սկսեց խոսել․ | ||
+ | |||
+ | ― Հանգստացեք, տեր իմ, մի՛ հուզվեք և մի՛ վազեք նրա ետևից։ Ե՛ս եմ միայն խառնված այդ գործին, այդ անծանոթը իմ ամուսինն է։ | ||
+ | |||
+ | Անսելմոն նրան չհավատաց։ Ցասումից կուրացած՝ նա դաշույնը ձեռք գցեց, քաշեց Լեոնելայի վրա, մահ սպառնաց, եթե նա ողջ ճշմարտությունը իրեն պատմելու չլինի։ Լեոնելան ահից խելակորույս ասաց․ | ||
+ | |||
+ | ― Մի՛ սպանեք ինձ, տեր իմ, ես ձեզ ավելի կարևոր բան կպատմեմ, քան դուք կարող եք երևակայել։ | ||
+ | |||
+ | ― Դե, ասա, ― գոռաց Անսելմոն, ― կամ թե չէ դու իսկույն կմեռնես։ | ||
+ | |||
+ | ― Հիմա չեմ կարող պատմել, ― պատասխանեց Լեոնելան, ― որովհետև ես չափազանց հուզված եմ։ Սպասեցեք մինչև առավոտ և դուք մի զարմանալի բան կիմանաք։ Միայն թե հավատացեք, որ լուսամուտից դուրս թռչողը մեր քաղաքացի մի երիտասարդ է, որ խոստացել է ամուսնանալ ինձ հետ։ | ||
+ | |||
+ | Անսելմոն հանգստացավ և համաձայնեց հետաձգել, որովհետև նրա մտքին էլ չէր անցնում, որ սպասուհին իրեն Կամիլայի մասին է բան պատմելու՝ այնքան վստահ էր նրա հավատարմությանը։ Ուստի նա դուրս եկավ սենյակից, թողնելով մեջը Լեոնելային և փակելով դռան կողպեքը բանալիով, ասելով նրան, թե բաց չի թողնի, մինչև որ նա ամեն ինչ իրեն չպատմի։ | ||
+ | |||
+ | Ապա նա գնաց Կամիլայի մոտ և հայտնեց նրան այն ամենը, ինչ որ պատահել էր իր և Լեոնելայի միջև, հիշատակելով նաև այն, որ սպասուհին իրեն խոսք է տվել ինչ որ շատ կարևոր և նշանակալից բան պատմելու։ Ավելորդ է նկարագրել Կամիլայի շփոթմունքը, որը հասկացավ (և չէր սխալվում), թե Լեոնելան մտադիր է պատմելու Անսելմոյին իր դավաճանության մասին։ Նրան այնպիսի սարսափ պատեց, որ վճռեց չսպասել՝ կճշտվի՞ իր կասկածը, թե՞ ոչ։ Նույն գիշերը, հենց որ նա նկատեց, որ Անսելմոն քնել է, թաքուն թողեց տունը, վերցնելով հետը մի քիչ փող և իր լավագույն թանկարժեք իրեղենները և, գալով Լոտարիոյի մոտ, պատմեց նրան եղելության մասին, աղերսելով, որ նա կամ թաքցնի իրեն, կամ իր հետ փախչի հեռու Անսլեմոյից։ Կամիլայի խոսքերը այնպես շփոթեցրին Լոտարիոյին, որ նա ուժ չուներ ոչ պատասխան տալու, ոչ որևէ բան ձեռնարկելու։ Վերջապես նա միտք արեց տանելու նրան մի վանք, որի մայրապետը իր քույրն էր։ Կամիլան համաձայնեց և շուտափույթ, ինչպես պահանջում էին հանգամանքները, Լոտարիոն նրան տարավ, թողեց այնտեղ, իսկ ինքը առանց մեկն ու մեկին նախազգուշացնելու լքեց քաղաքը։ | ||
+ | |||
+ | Հետևյալ առավոտ Անսելմոն վեր կացավ և, մտահոգված լինելով, թե ինչ է իրեն պատմելու Լեոնելան, անգամ չնկատեց Կամիլայի բացակայությունը, իսկույն գնաց այն սենյակը, որի մեջ երեկ կողպել էր Լեոնելային։ Նա դուռը բաց արեց, ներս մտավ, բայց սպասուհին չկար։ Լուսամուտից ցած կախվել էին սավաններ և պարզ վկայում էին, որ նա նրանցով ցած է իջել ու փախել։ Վշտացած, նա ետ գնաց, որ պատմի Կամիլային, բայց չգտավ նրան ոչ անկողնում, ոչ ամբողջ տանը, մի բան, որից ամենից շատ մռայլվեց նա։ Նա սկսեց հարց ու փորձ անել ծառաներից, սակայն ոչ ոք նրանցից չկարողացավ նրան պատասխան տալ։ Կամիլային որոնելուց նա պատահաբար դեմ առավ նրա սնդուկներին՝ նրանք բաց էին և շատ թանկարժեք իրեր պակաս էին։ Այստեղ նա ըմբռնեց, թե ինչ աղետ է եկել իր գլխին և կռահեց, որ այդ աղետի պատճառը Լեոնելան չէր։ Ապա նա, ինչ որ կար հագին, առանց հագնվելը պրծնելու, վշտահար ու մտամոլոր գնաց, որ իր դարդը պատմի իր բարեկամ Լոտարիոյին։ Սակայն երբ որ նա նրան էլ չգտավ և սպասավորները հաղորդեցին նրան, որ Լոտարիոն գիշերով գնացել է տնից, վերցնելով հետը բոլոր իր փողերը, Անսելմոյին թվաց, թե կորցնում է իր բանականությունը։ Ի լրումն բոլոր դժբախտությունների, երբ որ նա վերադարձավ տուն, տեսավ, որ բոլոր սպասավոր֊սպասուհիները փախել են և որ իր տունը լքված ու դատարկ է։ | ||
+ | |||
+ | Նա չգիտեր՝ ինչ մտածեր, ինչ ասեր, ինչ աներ և կամաց֊կամաց զգում էր նա, որ կորցնում է գլուխը։ Նա տեսավ, որ վայրկյանապես մնացել է առանց կին, առանց բարեկամ, առանց ծառաների, երկինքն էլ է աչքաթող արել իրեն և դրանց վրա ավելանում է իր անպատվությունը, որովհետև Կամիլայի փախուստը նա իր կործանումն էր համարում։ Վերջապես, երկար խորհելուց հետո նա վճռեց գնալ իր բարեկամի մոտ՝ գյուղը, ուր որ նա առաջ գնում էր, աջակցելով իր սեփական կործանումին։ Նա դռները կողպեց, ձի հեծավ և վշտահար ճամփա ընկավ։ Սակայն, ճանապարհը դեռ չկիսած, նա ստիպվեց իջնել ձիուց՝ այնքան անտանելի էին նրա հոգեկան տանջանքները։ Նա ձին կապեց ծառից, ընկավ գետին և սկսեց ցավագին ու աղեխարշ հառաչել։ Այդպես մինչև իրիկուն նա պառկած մնաց, մինչև որ տեսավ քաղաքից ձիով եկող մի մարդու։ Ողջունելով նրան՝ նա հարցրեց նրանից, թե ինչ նորություն կա Ֆլորենցիայում։ Քաղաքացին պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Շատ զարմանալի, երբեք չլսված բաներ։ Ասում են թե՝ Լոտարիոն, մեծահարուստ Անսելմոյի հավատարիմ բարեկամը, որ սուրբ Հովաննեսի մոտ է կենում, այս գիշեր հափշտակել է նրա կնոջը՝ Կամիլային։ Ինքը՝ Անսելմոն էլ անհետացել։ Այդ ամենը Կամիլայի սպասուհին է պատմել։ Պահակը վրա է հասել նրան այն վայրկյանին, երբ որ նա սավաններից կախ ընկած իջնելիս է եղել Անսելմոյի տնից։ Ասենք՝ ստույգ չգիտեմ, թե բանը ինչպես է եղել։ Գիտեմ միայն, որ ողջ քաղաքը ապշել է այդ դեպքից, որովհետև նման բան բնավ չէր կարելի սպասել։ Ախր, ասում են, որ Անսելմոյի և Լոտարիոյի միջև այնպիսի ջերմ ու սերտ բարեկամություն է եղել, որ նրանց այլ կերպ կոչելիս չեն եղել, քան երկու բարեկամներ։ | ||
+ | |||
+ | ― Պատահաբար չգիտե՞ք արդյոք, ― հարցրեց Անսելմոն, ― ինչ ճանապարհով են գնացել Լոտարիոն ու Կամիլան։ | ||
+ | |||
+ | ― Բոլորովին չգիտեմ, ― պատասխանեց քաղաքացին, ― միայն թե պահակը նրանց խիստ հետամուտ է։ | ||
+ | |||
+ | ― Բարի ճանապարհ ձեզ, սինյոր, ― ասաց Անսելմոն։ | ||
+ | |||
+ | ― Մնաք բարով, ― պատասխանեց քաղաքացին և շարունակեց իր ճամփան։ | ||
+ | |||
+ | Այդ ցավալի լուրից Անսելմոն զգաց, որ մոտ է ոչ միայն խելքից, այլև կյանքից զրկվելու։ Դժվարությամբ վեր կենալով, նա ուղևորվեց իր բարեկամի մոտ, որը դեռևս նրա դժբախտության մասին բան չգիտեր։ Սակայն տեսնելով Անսելմոյի նիհարած ու այլայլված դեմքը, նա իսկույն ըմբռնեց, որ նրա գլխին մեծ դժբախտություն է եկել։ Անսելմոն խնդրեց նրանից, որ թույլ տա իրեն պառկելու և գրիչ ու թուղթ տա։ Նրա խնդիրքը կատարվեց՝ նրան պառկեցրին անկողին, թողին մենակ և անգամ նրա ցանկացածին պես դուռն էլ փակեցին։ Մենության մեջ գլխին եկած ցավի միտքը սկսեց նրան ավելի սաստիկ մաշել և իր տանջանքների մեջ նա զգաց, որ վրա է հասնում իր կյանքի վախճանը։ Ապա նա վճռեց նամակով բացատրել իր արտասովոր մահվան պատճառը։ Նա սկսեց գրել, սակայն դեռ ողջ ուզածը չհաղորդած, շնչակտուր եղավ և տանջանքի մեջ նա շունչը փչեց և դրանով վճարեց իր անմիտ հետաքրքրության համար։ Տանտերը, տեսնելով արդեն ուշ է, իսկ Անսելմոն դեռ նրան չի կանչում, որոշեց մտնել և հարցնել՝ հո ավելի վատ չի՞ զգում իրեն։ Անսելմոն կիսանստած էր մահճակալի վրա, կուրծքը հենած սեղանին և գլուխը խոնարհած բաց, անավարտ նամակի վրա։ Գրիչը դեռ նրա ձեռքին էր։ Տանտերը մոտեցավ և առաջ ձայն տվեց, ապա թե, պատասխան չստանալով, բռնեց նրա ձեռքից։ Ձեռքը պաղ էր։ Անսելմոն մեռած էր։ Տանտերը, սաստիկ զարմացած և վշտացած, կանչեց ծառաներին, որ վկա լինեն Անսելմոյի վախճանին։ Ապա նա վերցրեց նամակը և համոզվելով, որ ննջեցյալի սեփական ձեռքով է գրած, կարդաց հետևյալը․ | ||
+ | |||
+ | |||
+ | <i>«Հիմար ու անմիտ ցանկությունը զրկեց ինձ կյանքից։ Եթե իմ մահվան լուրը Կամիլային հասնելու լինի, ապա թող նա իմանա, որ ներում եմ նրան, որովհետև նրա ուժերից վեր է եղել հրաշք գործելը, և ես պետք չէ, որ նրանից պահանջեի այդ։ Ես ինքնս եմ իմ խորտակության մեղապարտը, ուստի և․․․»</i> | ||
+ | |||
+ | |||
+ | Դրանով ընդհատվում էր նամակը։ Պարզ էր, որ այդ իսկ վայրկյանին, առանց նախադասությունը վերջացնելու, Անսելմոն վախճանվել էր։ Մյուս օրը Անսելմոյի բարեկամը հաղորդեց նրա ծնողներին, որոնք արդեն գիտեին իրենց որդուն հասած դժբախտության և Կամիլայի վանք քաշվելու մասին։ Անհավատարիմ կինը հազիվ չհետևեց իր ամուսնուն նրա վերջին ճամփորդության մեջ՝ ոչ թե նրա մահվան լուրն առնելու պատճառով, այլ ուրիշ լուրի համար, ― իր բարեկամի փախուստի համար։ Եվ, ասում են, այրիացած, նա ոչ կամեցել է դուրս գալ վանքից, ոչ միանձնուհի ձեռնադրվել, մինչև որ նրան շուտով չհասավ Լոտարիոյի կործանման լուրը։ Նա սպանվել էր Նեապոլի թագավորության մեջ Լոտրեկի և Մեծ կապիտան Գոնսալո Ֆերնանդո Կորդովցու միջև տեղի ունեցած ճակատամարտում։<ref>Այստեղ Սերվանտեսը անախրոնիզմի մեջ է ընկնում։ Մեծ կապիտանը մեռել է 1515 թվին, մինչդեռ մարշալ դե Լոտրեկը Իտալիայում ֆրանսիական բանակի հրամանտարություն է ընդունել միայն 1527 թվին։</ref> Այդպես ավարտեց շատ ուշ զղջացած բարեկամը։ Իմանալով դրա մասին, Կամիլան ձեռնադրվեց միանձնուհի և ցավ ու վշտի մեջ կարճ ապրեց։ Ահա թե ինչ վախճանի հասցրեց նրանց բոլորին մեկի անխոհեմ ցանկությունը։ | ||
+ | |||
+ | ― Ես հավանում եմ վեպին, ― ասաց քահանան, ― միայն թե ես բնավ չեմ կարող հավատալ, որ դա ճշմարտություն է։ Իսկ եթե այդ ամենը հնարովի է, ապա անհաջող է հնարած, որովհետև չի կարելի երևակայել աշխարհիս երեսին այդքան անխոհեմ ամուսնու գոյությունը, որը սիրտ աներ այդքան վտանգավոր փորձի։ Եթե սիրահարների միջև նման բան կարող է պատահել, ապա մարդ ու կնոջ միջև՝ դա ուղղակի անհնար է։ Իսկ շարադրության եղանակին ես բավական հավանում եմ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXVI== | ||
+ | |||
+ | Ուր պատմվում է պանդոկում պատահած այլ հազվադեպ անցքերի մասին | ||
+ | |||
+ | |||
+ | Այդ միջոցին պանդոկի դարպասի մոտ կանգնած պանդոկապանն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա ճամփորդների մի լավ խումբ։ Եթե նրանք այստեղ իջևանելու լինեն լա՜վ կշահվեինք։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ տեսակ մարդիկ են, ― հարցրեց Կարդենիոն։ | ||
+ | |||
+ | ― Չորսը՝ ձիավոր թեթև հեծելասարքով՝ ծածկված սև դիմակներով,<ref>Ծածկված սև դիմակներով ― XVI դարում ազնվատոհմ իսպանացիք հաճախ ճանապարհորդում էին թեթև կտորից պատրաստած դիմակներով, որպեսզի պահպանեն իրենց երեսը ճանապարհի փոշուց և կեղտից։ </ref> նիզակներով ու վահաններով, հետներն էլ մի կին, կնոջական թամքի վրա նստած, ճերմակ զգեստով և նույնպես դիմակով, իսկ ետևներից երկու ծառա։ | ||
+ | |||
+ | ― Նրանք արդեն մո՞տ են, ― հարցրեց քահանան։ | ||
+ | |||
+ | ― Այնքան մոտ, ― պատասխանեց պանդոկապանը, ― որ ըհը՛ ― այստեղ կլինեն։ | ||
+ | |||
+ | Այդ լսելով Դորոթեան երեսը շղարշ քաշեց, իսկ Կարդենիոն գնաց դոն Կիխոտի սենյակը։ Հազիվ էին նրանք այդ նախազգուշական միջոցները ձեռք առել, որ ճամբորդները, որոնց մասին ասաց պանդոկապանը, կանգ առան պանդոկի դարպասի առջև։ Չորս ձիավոր՝ գեղեցիկ շարժ ու ձևերով, վայելչակազմ, իջան ձիուց, օգնեցին իրենց ուղեկցուհուն իջնել ձիուց և նրանցից մեկը, բռնելով նրա ձեռքը, նստացրեց բազկաթոռի վրա, որ դրած էր այն սենյակի դռան առջև, ուր անհետացավ Կարդենիոն։ Այդ ամբողջ ժամանակի ընթացքին ո՛չ տղամարդիկ, ո՛չ կինը մի բառ չարտասանեցին և չհանեցին դիմակները։ Միայն, բազկաթոռի վրա նստելիս, անծանոթ կինը խորը հոգվոց քաշեց և ձեռնաթափ եղավ, ասես թե հիվանդ ու ուժասպառ լիներ։ Ծառաները, որ ոտով էին եկել, ձիերին գոմ քաշեցին։ | ||
+ | |||
+ | Այդ տեսնելով՝ քահանան հետաքրքիր եղավ հարցնելու, թե այդ դիմակավոր ու լուռ մարդիկ ովքե՞ր են։ Նա գնաց ծառաների հետևից և նրանցից մեկին հարցրեց այն, ինչ որ ուզում էր իմանալ։ Ծառան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ճիշտն ասած, սինյոր, չեմ կարող ասել, թե դա ինչ սինյորներ են։ Մի բան միայն գիտեմ, որ, ըստ երևույթին, շատ կարևոր մարդիկ են, մանավանդ նա, որ բռնեց կնոջ ձեռքից, որին դուք տեսաք։ Ես նրանից եմ հետևցնում, որ բոլոր մնացածները նրան հարգանք են ցույց տալիս և ինչ որ կատարվում է՝ բոլորը նրա կարգադրությամբ ու հրամանով է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ կի՞նն ով է, ― հարցրեց քահանան։ | ||
+ | |||
+ | ― Այդ էլ չեմ կարող ասել, ― պատասխանեց ծառան, ― որովհետև ողջ ճամփան անցնելով ես նրա երեսն էլ չեմ տեսել։ Միայն թե շատ անգամ լսել եմ, ինչպես նա հոգվոց է քաշում ու հառաչում, որ ասես թե ահա՛ շունչը կփչի։ Զարմանալի էլ չէ, որ մենք բան չգիտենք, որովհետև ես ու ընկերս միայն երկու օր է, ինչ ուղեկցում ենք նրանց։ Նրանք մեզ պատահեցին ճամփին և սկսեցին խնդրել ու համոզել, որ մենք ուղեկցենք նրանց մինչև Անդալուզիա և խոստացան լավ էլ վարձատրել։ | ||
+ | |||
+ | ― Չե՞ք էլ լսել, թե ինչպես են նրանցից մեկն ու մեկին կոչում, ― հարցրեց քահանան։ | ||
+ | |||
+ | ― Աստված վկա, չեմ լսել, ― պատասխանեց ծառան։ ― Նրանք այնքան լուռ են գնում, որ ուղղակի զարմանալի է։ Լսել է միայն, թե ինչպես հառաչում ու հեկեկում է խեղճ սինյորան, այնպես որ մարդու մեղքն է գալիս։ Թվում է, թե նրան, երևի, բռնի են տանում։ Եվ, եթե կարելի է դատել նրա հագուստից, նա կամ միանձնուհի է, կամ թե վանք է ուղևորվում։ Վերջինս ավելի հավանական է։ Եվ, երևի, իր կամքով չի ձեռնադրվում, դրանից է, երևի, որ այդքան տխուր է։ | ||
+ | |||
+ | ― Կարող է պատահել, ― ասաց քահանան և, թողնելով նրանց, վերադարձավ Դորոթեայի մոտ։ | ||
+ | |||
+ | Իսկ Դորոթեան, լսելով դիմակավոր տիկնոջ հառաչանքը, բնական ցավակցության մղումով մոտեցավ անծանոթին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձեր դարդն ի՞նչ է, սինյորա։ Խորհեցեք, չի՞ կարող դարմանել արդյոք մի ուրիշ կին, որ շատ բան է կրել և փորձառու է։ Ի բոլոր սրտե առաջարկում եմ ձեզ իմ ծառայությունը։ | ||
+ | |||
+ | Վշտահար տիկինը չպատասխանեց այդ խոսքերին։ Եվ, թեև Դորոթեան առաջարկեց նրան իր օգնությունը ավելի թախանձագին, նա շարունակեց պահպանել լռություն, մինչև որ վերադարձավ դիմակավոր տղամարդը, նա, որին, ծառայի ասելով, բոլորը հնազանդում էին և ասաց Դորոթեային․ | ||
+ | |||
+ | ― Նեղություն մի կրեք, սինյորա, և այդ կնոջը ոչինչ մի առաջարկեք, որովհետև նրա բնավորությունն այնպես է, որ ինչ էլ նրա համար անելու լինեք, նա շնորհակալ չի լինի։ Միք ձգտի պատասխան ստանալու, եթե չեք կամենում սուտ լսած լինել։ | ||
+ | |||
+ | ― Ես երբեք չեմ ստել, ― ասաց տիկինը, որ մինչ այդ լուռ էր, ― ընդհակառակը՝ այն իսկ պատճառով, որ ես ճշմարտասեր կին եմ եղել և չեմ իմացել սուտ ու խորամանկ հնարքներ, հիմա այսպիսի ցավի մեջ եմ ընկել։ Ես պահանջում եմ, որ դուք ինքներդ վկայեք այդ, որովհետև իմ զուտ ճշմարտությունն է հարկադրում ձեզ ստել ու խաբել։ | ||
+ | |||
+ | Կարդենիոն պարզ ու որոշ լսեց այդ խոսքերը, որովհետև գտնվում էր նրանց կողքի՝ դոն Կիխոտի սենյակում և մի դուռ էր միայն նրան բաժանում խոսող կնոջից։ Այդ խոսքերը լսեց թե չէ, նա բարձրաձայն աղաղակեց․ | ||
+ | |||
+ | ― Տեր ողորմյա՛։ Ի՜նչ եմ լսում։ Այդ ո՞ւմ ձայնը հասավ իմ ականջին։ | ||
+ | |||
+ | Այդ խոսքերից զարմացած՝ անծանոթ կինը գլուխը շուռ տվեց և, խոսողին չտեսնելով, վեր կացավ ու կամեցավ դուռը բանալ, բայց տղամարդը, նկատելով այդ, բռնեց նրա ձեռքից և թույլ չտվեց քայլ անգամ անելու։ Շփոթմունքից և աճապարանքից նա վեր գցեց մետաքսե քողը, որ ծածկում էր նրա դեմքը, և բոլորը տեսան նրա աննման գեղեցկությունը, նրա չքնաղ դեմքը, որ թեև նիհար ու դժգույն էր։ Նրա աչքերը մի առարկայից մյուսն էին անցնում այնպիսի արագությամբ, որ, ասես թե, նա խելքը կորցրած լիներ։ Չըմբռնելով այդպիսի տարօրինակ վարքի պատճառը, Դորոթեան և բոլոր մնացած ներկա եղողները խորապես խղճացին նրան։ Տղամարդը ամուր բռնել էր նրա ուսերից և այնքան էր մտահոգված, որ նա դուրս չպրծնի, որ չկարողացավ պահել իր իսկ դեմքից վայր ընկնող դիմակը, որ վերջապես բոլորովին վայր ընկավ։ Դորոթեան, որ գրկել էր անծանոթ կնոջը, աչքը բարձրացրեց և տեսավ, որ տիկնոջ բռնողը իր սեփական ամուսինն էր, դոն Ֆերնանդոն և, հազիվ էր նրան տեսել, որ հոգու խորքից ձիգ ու ցավագին «ախ» հանելով, վայր ընկավ ուշագնաց։ Եթե նրա կողքին կանգնած դալլաքը նրան բռնած չլիներ, նա կփռվեր գետնին։ Իսկույն մոտ վազեց քահանան, բարձրացրեց նրա քողը և երեսին ջուր սրսկեց։ Երբ որ նրա երեսը բաց արին, դոն Ֆերնանդոն (նա էր, որ գրկում պահում էր անծանոթ կնոջը) ճանաչեց Դորոթեային և զարմանքից ապուշ կտրեց։ Սակայն նա շարունակում էր իր գրկում պահել Լյուսինդային, որը աշխատում էր դուրս պրծնել, որովհետև հառաչանքից ճանաչել էր Կարդենիոյին, ինչպես և Կարդենիոն նրան էր ճանաչել։ Վերջինս, լսած լինելով Դորոթեայի բացականչությունը ուշագնացության միջոցին և կարծելով, որ իր Լյուսինդան է բացականչողը, վախեցած դուրս վազեց սենյակից և առաջին մարդը, որին նա տեսավ, Լյուսինդային գրկած դոն Ֆերնանդոն եղավ։ Սա էլ ճանաչեց Կարդենիոյին և երեքով՝ Լյուսինդան, Կարդենիոն ու Դորոթեան, մնացին տեղն ու տեղը՝ լուռ ու մունջ, ասես թե չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ | ||
+ | |||
+ | Բոլորը լուռ նայում էին իրար՝ Դորոթեան՝ դոն Ֆերնանդոյին, դոն Ֆերնանդոն՝ Կարդենիոյին, Կարդենիոն՝ Լյուսինդային, Լյուսինդան՝ Կարդենիոյին։ Վերջապես Լյուսինդան, առաջինը խզելով լռությունը, դարձավ դոն Ֆերնանդոյին հետևյալ խոսքերով․ | ||
+ | |||
+ | ― Թողեք ինձ, սինյոր դոն Ֆերնանդո, հարգելով ձեր իսկ արժանապատվությունը, քանի որ բոլոր ուրիշ նկատառումները ձեզ համար գոյություն չունեն։ Միք խանգարի, թո՛ղ բաղեղը փաթաթվի պատին։ Ոչ ձեր ոտնձգությունները, ոչ սպառնալիքները, ոչ խոստումները, ոչ էլ նվերները չկարողացան ինձ պոկել իմ հենարանից։ Տեսեք, թե ինչ արտասովոր և մեզ համար անտեսանելի ուղիներով երկինքը ինձ բերեց հասցրեց իմ իսկական ամուսնուն։ Հազար ու մի ձեզ վրա թանկ նստած փորձերից հետո դուք լավ գիտեք, որ լոկ մահն է կարող պոկել նրան իմ հիշողությունից։ Թող այս բացահայտ մերկացումը ձեր սերը կատաղության վերածելով և ցանկությունը՝ ատելության, քանի որ այլ զգացումներ անմատչելի են ձեզ, առիթ դառնան ձեզ համար սպանելու ինձ։ Բաժանվելով կյանքից իմ ամուսնու առջև ես կհամարեմ այդ բարի վախճան։ Գուցե թե իմ մահը համոզի նրան, որ ես հավատարիմ եմ եղել և մնացել մինչև վերջին շունչս։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցում Դորոթեան ուշքի եկավ։ Լսելով Լյուսինդայի խոսքերը, նա կռահեց, թե ասողն ով է և, տեսնելով, որ դոն Ֆերնանդոն բաց չի թողնում Լյուսինդային և նրա խոսքերին ոչինչ չի պատասխաանում, Դորոթեան, բոլոր ուժերը հավաքելով, վեր կացավ և ընկավ նրա ոտների տակ, քնքշագին ու հուզիչ արցունքների վտակներ թափելով, այսպես խոսեց․ | ||
+ | |||
+ | ― Եթե, ով տեր իմ, այն արևը, որ մռայլած քո գրկի մեջ է, իր ճառագայթներով քեզ կուրացրած չլիներ տեսողությունից, դու վաղուց հետև նկատած կլինեիր քո ոտների տակ դժբախտ Դորոթեային, որի դարդը չի վերջանա, մինչև որ դու այդ չկամենաս։ Ես այն համեստ գեղջկուհին եմ, որին դու քո բարությամբ կամ սեփական բավականության համար արժանացրեցիր մեծ պատվի՝ քոնը կոչելով։ Ես այն երջանիկ, վայելչության սահմաններում պարփակված կինն եմ, որ քո հայցումների կանչից, քո, թվում էր, անկեղծ սիրո զգացմունքից, բաց արեց իր համեստության դռները և քեզ հանձնեց իր ազատության բանալին։ Իսկ դու այնպես շնորհակալ եղար այդ նվերի համար, որ ես հարկադրված եղա թափառելու այս վայրերում և հանդիպելու քեզ ահա՛ այս պարագաներում։ Այնուհանդերձ չկարծես, թե ես խնդրում եմ քեզնից, թե ես եկել եմ այստեղ իմ անպատվության մտքիս հետ։ Ոչ, ինձ այստեղ է բերել դառը մտածմունքը այն մասին, որ դու ինձ մոռացել ես։ Դու կամեցար, որ ես քոնը դառնամ և կամեցար այնքան ուժգին, որ հիմա, որքան էլ այլ բան կամենալու լինես, դու երբեք չես դադարի իմը լինելուց։ Խորհիր, տեր իմ, միթե իմ աննման նվիրվածությունը չի վարձատրի քեզ այն կնոջ գեղեցկության ու ազնվականության համար, որի պատճառով դու ինձ լքեցիր։ Դու չես կարող պատկանել չքնաղ Լյուսինդային, որովհետև դու իմն ես, նա էլ չի կարող քոնը լինել, որովհետև Կարդենիոյին է պատկանում, ինքդ դատիր՝ ավելի դյուրին չի՞ լինի աշխատես սիրել ինձ, որ երկրպագում է քեզ, քան հարկադրել սիրելու քեզ մի կնոջ, որ ատում է քեզ։ Ես պարզամիտ եմ եղել և դու փափագել ես ինձ, ես մաքուր էի և դու աղաչում էիր ինձ։ Քեզ հայտնի էր իմ ծագումը, դու գիտես, թե ես ինչպես հնազանդեցի քո կամքին և դու ոչ պատճառ ունես, ոչ հիմք գանգատվելու, թե քեզ խաբել են։ Եվ եթե այն ամենը, ինչ որ ես ասում եմ, ճշմարիտ է, և եթե դու ասպետ ես և քրիստոնյա, ինչո՞ւ ես ապա զանազան հնարքների դիմում և ի վերջո հապաղում ես նվիրելու ինձ այն երջանկությունը, որ դու սկզբից ևեթ նվիրել ես ինձ։ Իսկ եթե դու չես կամենում, որ ես լինեմ այն, ինչ որ կամ, այսինքն՝ քո իսկական և օրինավոր ամուսինը, ապա թույլ տուր գեթ քո ստրկուհին լինել՝ հնազանդելով քեզ ես ինձ գոհ ու երջանիկ կհամարեմ։ Մի՛ թույլ տուր, որպեսզի ես քեզնից լքված ու թողնված, պախարակելի ասեկոսների առարկա դառնամ։ Իմ ծնողները միշտ ազնվորեն ծառայել են քո ծնողներին, որպես բարի հպատակներ և արժանի չեն դառնացած ծերության, որ դու նախապատրաստում ես նրանց համար։ Եթե դու կարծում ես, թե կստորացնես քո արյունը, խառնելով իմի հետ, ապա մտաբերեիր, որ բոլոր կամ գրեթե բոլոր ազնվական տոհմերը նույն շավղով են ընթացել և որ մոր արյունից չեն որոշում ծագման ազնվությունը։ Ավելին կասեմ՝ իսկական ազնվությունը՝ առաքինությունն է և երբ դու դավաճանելու լինես առաքինությանդ, մերժելով իմ այնքան արդարացի խնդիրքը, ես ազնվության ավելի իրավունքով կմնամ, քան քո ունեցածն է։ Արդ, տեր, ահա՛ թե ինչ կասեմ քեզ խոսքս եզրափակելու համար՝ կամենաս դու թե չկամենաս, ես քո ամուսինն եմ։ Իմ վկան քո խոսքն է, որ չի լինի և չպիտի լինի սուտ, եթե միայն դու հպարտանում ես նրանով,<ref>Եթե միայն դու հպարտանում ես նրանով ― այսինքն՝ «իրենց ազնվությամբ և ազնվատոհմ լինելով»։</ref> ինչի համար դու արհամարհում ես ինձ։ Վկա է քո ստորագրությունը, վկա է երկինքը, որ դու քո խոստումների ճշտության վկա ես կանչել։ Բայց, եթե այդ ամենը բավական չէ, ապա իմացած եղիր, որ այդ վկաներին կմիանա քո խղճի անխոս ձայնը, որ կխեղդի ուրախության աղմուկը և, հիշեցնելով արդարությունը, որ ես ասացի քեզ, կխռովի քո բոլոր ուրախություններն ու վայելքները։ | ||
+ | |||
+ | Ուրիշ բաներ էլ ասաց վշտացած Դորոթեան այնպիսի զգացմունքով ու արցունքներով, որ անգամ դոն Ֆերնանդոյի ուղեկիցները և բոլոր ներկա եղողները նրա հետ լաց եղան։ Դոն Ֆերնանդոն լսում էր, առանց ընդհատելու, մինչև որ նա վերջացրեց։ Ապա Դորոթեան սկսեց այնպես հառաչել ու հեկեկալ, որ պետք էր բրոնզե սիրտ ունենալ, որպեսզի նրա վիշտը տեսնելով մարդ չզգացվեր։ Լյուսինդան նայում էր Դորոթեային և ցավակցությունը նրա վշտի համար նույնքան մեծ էր նրա մեջ, որքան և հիացումը նրա խելքից և գեղեցկությունից։ Նա ուզում էր մոտենալ Դորոթեային և նրան մի քանի մխիթարանքի խոսք ասել, բայց դոն Ֆերնանդոն նրան բաց չէր թողնում և շարունակում էր սեղմել իր գրկում։ Նա երկար աչքը հառել էր Դորոթեային և, վերջապես, շփոթված ու խռովահույզ կռներն արձակեց, ու, բաց թողնելով Լյուսինդային, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դու հաղթեցիր, չքնաղ Դորոթեա, դու հաղթեցիր, որովհետև ոչ ոք սիրտ չէր անի ժխտել, որ քո բոլոր ասածները ճշմարտություն են։ | ||
+ | |||
+ | Լյուսինդան գրեթե ուշագնաց էր եղել և երբ դոն Ֆերնանդոն նրան բաց թողեց, նա անշուշտ վայր էր ընկնելու, եթե Կարդենիոն մոտ չվազեր և չբռներ նրան։ Չկամենալով, որ դոն Ֆերնանդոն իրեն ճանաչի, նա նրա ետևից էր կանգնել, ոչ հեռու Լյուսինդայից, սակայն այդ պահին, մոռանալով ամեն երկյուղ և վճռելով ամեն բան ռիսկ անել, նա բռնեց նրան, գրկեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե բարեգութ երկինքը թույլ է տալիս, որ մի քիչ հանգիստ առնես, ով իմ հավատարիմ և չքնաղ տիրուհի, ապա որտե՞ղ կհանգստանաս դու ավելի անվրդով, քան իմ գրկում, որի մեջ քեզ պահում էի այն պահին, երբ բախտը թույլ էր տալիս քեզ իմը կոչելու։ | ||
+ | |||
+ | Լսելով այս խոսքերը, Լյուսինդան նայեց Կարդենիոյին, որին արդեն առաջուց ճանաչել էր ձայնից և, սեփական աչքերով համոզվելով, որ դա, իրոք, նա է, առանց քաղաքավարությունը հաշվի առնելու, ուրախությունից աշխարհով մեկ եղած, փաթաթվեց նրան, դեմքը սեղմեց նրա դեմքին ու բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Ո՜վ տեր իմ, դուք իմ իսկական տերն եք, ես՝ ձեր գերին, որքան էլ թշնամի բախտը հակառակի դրան և որքան էլ մարդիկ սպառնան իմ կյանքին, իմ կյանքս դուք եք։ | ||
+ | |||
+ | Դա մի անսպասելի տեսարան էր դոն Ֆերնանդոյի և մյուսների համար և բոլորը զարմացած էին մնացել այդպիսի չտեսնված մի դեպքից։ Դորոթեային թվաց, թե դոն Ֆերնանդոն գունատվեց և ձեռքը դրեց թրի երախին, ասես թե մտադիր լիներ հաշիվ մաքրելու Կարդենիոյի հետ։ Հազիվ էր նա նկատել այդ բանը, որ իսկույն, արտասովոր արագությամբ ընկավ նրա ոտները, գրկեց և այնքան ամուր սեղմեց, որ նա չէր կարող շարժվել և, առանց դադարելու արտասվելուց, սկսեց խոսել․ | ||
+ | |||
+ | ― Ով իմ միակ ապաստան, ի՞նչ ես ուզում արած լինել այս արտասովոր վայրկյանին։ Քո ոտների տակ պառկած է քո ամուսինը, իսկ նա, որին դու ձգտում ես տիրանալ, իր ամուսնու գրկում է։ Խորհիր, վայե՞լ է քեզ արդյոք և հնարավո՞ր էլ է խանգարել այն, ինչ ինքը երկինքն է դասավորել։ Ավելի լավ չի՞ լինի, եթե դու բարձրացնես և վեր հանես մինչև քո բարձրությունը այն կնոջը, որ, արհամարհելով բոլոր խոչընդոտները և ապացուցելով քեզ իր ճշմարտախոսությունն ու հավատարմությունը, նայում է քո աչքերին և թրջում սիրային արցունքներով երեսը և կուրծքը իր ճշմարիտ ամուսնու։ Աղաչում եմ քեզ հանուն Աստծու և քո պատվի, թող այս հրապարակային մերկացումը չսաստկացնի քո ցասումը, այլ ընդհակառակը՝ մեղմացնի։ Պաղարյուն և առանց զայրույթի թույլ տուր այս սիրահարներին անարգել վայելեն խաղաղությունը բոլոր օրերում, որ կառաքի նրանց գթառատ երկինքը։ Արտահայտիր դրանով քո վեհ ու ազնիվ սրտի մեծահոգությունը և թող աշխարհս տեսնի, որ քո հոգու վրա բանականությունն ավելի իշխանություն ունի, քան կիրքը։ | ||
+ | |||
+ | Դորոթեայի այս ճառի միջոցին Կարդենիոն, սեղմելով իր կրծքին Լյուսինդային, աչքը չէր հեռացնում դոն Ֆերնանդոյից, որպեսզի նրա առաջին իսկ սպառնացող շարժումի պահին պատրաստ լինի ոչ միայն պաշտպանվելու, այլև հարձակվելու իր դեմ ելնող յուրաքանչյուրի վրա, անգամ եթե այդ պայքարը կյանքի գնով լինի։ Սակայն այդ վայրկյանին մոտ վազեցին դոն Ֆերնանդոյի բարեկամները, հետները քահանան ու դալլաքը, որոնք նույնպես ներկա էին այս տեսարանին և նրանք բոլորն էլ, ոչ բացառյալ ամենաբարի Սանչո Պանսայի, շրջապատեցին դոն Ֆերնանդոյին և սկսեցին աղաչել, որ նա գթա Դորոթեայի արցունքներին։ Եթե նրա ասածը ճիշտ է, իսկ նրանք հաստատ հավատացած էին, որ ճիշտ է, դոն Ֆերնանդոն չպիտի թույլ տա, որ նրա արդարացի հույսերը խաբվեն։ Նրանք խնդրեցին, որ նա հավատա, որ դեպքը չէ, ինչպես այդ կարող է թվալ, այլ երկնքի հատուկ կամքն է նրանց բոլորին ի մի բերել այնպիսի մի տեղում, որտեղ նրանք ամենից քիչ կարող էին ենթադրել հանդիպել իրար։ | ||
+ | |||
+ | ― Հավատացած եղեք, ― ավելացրեց քահանան, ― որ միմիայն մահն է կարող բաժանել Կարդենիոյին ու Լյուսինդային և եթե մեկ սուր նրանց խողխողելու լինի, նրանք կմեռնեն երջանիկ լինելով։ Անհաղթահարելի պարագաներում նա է մեծագույն իմաստություն ցուցաբերում, ով, հաղթահարելով և ճնշելով ինքն իրեն, իր սրտի վեհանձնությունն է հայտնաբերում։ Թող ձեր համաձայնությամբ լինի, որ այս սիրահարները վայելեն երջանկությունը, որ առաքված է նրանց վերուստ։ Ուղղեցեք ձեր հայացքը Դորոթեային և համոզվեցեք, որ դժվար է կամ միանգամայն անհնար է գտնել մի կին, որ ոչ թե գերազանցեր, այլ գեթ հավասարվեր գեղեցկությամբ նրան։ Ավելացրեք այդ գեղեցկությանը նրա հեզությունը և անսահման սերը դեպի ձեզ։ Եվ նախ և առաջ հիշեցեք, որ ձեզ ասպետ ու քրիստոնյա համարելով, դուք չեք կարող խոստումնազանց լինել, իսկ, ձեր խոսքի տերը լինելով, դուք կատարած կլինեք ձեր պարտքը Աստծու հանդեպ և կբավարարեք բոլոր խելահաս մարդկանց։ Որովհետև ամենքը գիտեն և ըմբռնում են, որ առաքինությամբ զարդարված գեղեցկությունը, ինչ համեստ ծագում էլ ունենալու լինի, կարող է բարձրանալ ամեն տեսակ ազնվականության և հավասարվել առանց ստորացնելու նրան, ով բարձրացնում և հավասարեցնում է իրեն։ Եվ նա, ով հետևում է իր ձգտման հրամայողական օրենքներին, եթե միայն այստեղ մեղք չկա, չի կարող դատապարտվել իր հնազանդության համար։ | ||
+ | |||
+ | Այս փաստարկումներին մնացյալ ներկա եղողները ուրիշ փաստարկումներ ավելացրին, և վերջապես դոն Ֆերնանդոյի վեհանձն սիրտը (զուր չէր նրա մեջ ազնվականի արյուն հոսում) մեղմացավ և խոնարհվեց ճշմարտության առջև, որ նա չէր կարող ժխտել, անգամ եթե կամենար։ Եվ որպեսզի ցույց տված լինի, որ ինքը անձնատուր է լինում ու ենթարկվում արդարացի հորդորներին, դոն Ֆերնանդոն թեքվեց Դորոթեային և գրկելով նրան ասաց․ | ||
+ | |||
+ | ― Վեր կացեք, իմ տիրուհի, որովհետև վայել չէ, որ իմ առջև չոքած լինի նա, ով իշխում է իմ հոգու վրա։ Եվ եթե ես մինչև հիմա ոչ մի բանով չեմ ապացուցել այս խոսքերիս արդարացիությունը, ապա, թերևս, դա նրանից է, որ այդպես է եղել երկնքի կամքը։ Ձեզ ըստ արժանվույն հարգել սովորելու համար ես պետք է որ նախապես տեսնեի, թե որքան հավատարիմ դուք սիրում եք ինձ։ Մի բան եմ խնդրում ձեզնից՝ մի նախատեցեք ինձ իմ չար ու արհամարհական վերաբերմունքի համար ձեր նկատմամբ, քանի որ նույն ուժը, որ դրդեց ինձ ձեզ իմը կոչելու, հարկադրեց ինձ փորձելու դադարել ձերը լինելուց։ Դուք կհավատաք ինձ, եթե շուռ գաք և նայեք հիմա երջանիկ Լյուսինդայի աչքերին։ Նրանց մեջ դուք կգտնեք իմ բոլոր մոլորությունների արդարացումը։ Սակայն քանի որ նա հասավ իր կամեցածին, իսկ ես ձեզնով գտա իմ ցանկությունների կատարումը, ապա թող Աստված նրան խաղաղ ու բարեկեցիկ կյանք տա, որ նա երջանիկ ապրի իր Կարդենիոյի հետ, իսկ ես ծնկաչոք կխնդրեմ Աստծուց, որ ինձ ու իմ Դորոթեային երջանկություն բաշխի։ | ||
+ | |||
+ | Այդ ասելով նա սկսեց գրկել ու համբուրել նրան այնպիսի քնքույշ զգացմունքով, որ նա հարկադրված էր մեծ ճիգ գործադրելու, որպեսզի, իբրև անտարակույս ապացույց իր սիրո և զղջումի, աչքերիցը արցունքներ չթափվեն։ Բայց Լյուսինդան, Կարդենիոն և բոլոր ներկա եղողները չկարողացան զսպել իրենց և այնքան արցունք թափեցին՝ ոմանք իրենց ուրախությունից, ոմանք՝ ուրախանալով ուրիշների համար, որ կարող էր թվալ, թե նրանց մեծ դարդ է վրա հասել։ Անգամ Սանչո Պանսան լաց էր լինում, թեև հետագայում պնդում էր, որ այն պատճառով էր անում այդ, որ դուրս եկավ, որ Դորոթեան իսկի էլ Միկոմիկոնի թագուհի չէ, որից նա այնքան շնորհներ էր ակնկալում։ Արցունքներն ու զարմանքը տևեցին պահ մի, ապա Կարդենիոն ու Լյոսինդան, չոքելով դոն Ֆերնանդոյի առջև, այնպիսի ընտիր ոճով շնորհակալություն հայտնեցին իրենց արված բարերարության համար, որ դոն Ֆերնանդոն չգիտեր, թե ինչ պատասխանի։ Նա նրանց վեր կացրեց, և գրկեց մեծ քնքշությամբ ու սիրով։ | ||
+ | |||
+ | Ապա նա խնդրեց Դորոթեայից, որ պատմի, թե ինչպես է նա տնից այսքան հեռու տեղ ընկել։ Սա կարճառոտ ու վարպետորեն պատմեց, ինչ որ առաջ պատմել էր Կարդենիային։ Նրա պատմությունը շատ դուր եկավ դոն Ֆերնանդոյին և նրա ուղեկիցներին և նրանք ափսոսացին, որ այնքան կարճ էր՝ այնքան հաճելի պատմեց Դորոթեան իր աղետների մասին։ Իսկ երբ ավարտեց, դոն Ֆերնանդոն պատմեց, թե ինչ պատահեց քաղաքում, Լյուսինդայի ծոցում տոմս գտնելուց հետո, որի մեջ հայտնվում էր, որ պսակված է Կարդենիոյի հետ, ուստի և չի կարող նրա կինը դառնալ։ Նա կամեցավ սպանել նրան և, անշուշտ, կաներ էլ, եթե նրան ետ չկանգնեցնեին Լյուսինդայի ծնողները։ Վշտից ու զայրույթից նա գնաց քաղաքից, վրեժ հանելու մտադրությամբ, հենց որ դեպքը բերի։ Սակայն հետևյալ օրն իմացավ, որ Լյուսինդան անհայտացել է ծնողների տնից և ոչ ոք չգիտե, թե նա ուր է գնացել։ Վերջապես մի քանի ամիս հետո նրան լուր հասավ, որ Լյուսինդան վանք է քաշվել, որտեղ մտադիր է ապրելու մինչև մահը, եթե նրան թույլ չտրվի միանալու Կարդենիոյի հետ։ Հենց որ դոն Ֆերնանդոն իմացավ այդ բանը, նա օգնական վերցրեց երեք կաբալյերո և նրանց հետ ուղևորվեց վանք։ Լյուսինդայի հետ նա չտեսնվեց, որովհետև վախենում էր, որ, իմանալով իր գալստյան մասին, վանքում կխստացնեն հսկողությունը։ Եվ ահա, սպասելով, որ գա օրը, երբ դարպասը բաց լինի, նա իր ուղեկիցներից երկուսին թողեց որպես պահակ մուտքի մոտ, իսկ ինքը երրորդի ուղեկցությամբ գնաց գտնի Լյուսինդային։ Լյուսինդան վանքի բակում կանգնած է լինում, խոսակցելով մի կույսի հետ։ Նրանք բռնեցին նրան և ժամանակ չտալով, որ ուշքի գա, այնպիսի մի տեղ տարան, որտեղ կարելի էր պատրաստություն տեսնել ճամփի համար բոլոր կարևոր իրերի։ Այդ ամենը հաջողեց անել առանց որևէ արգելքի, որովհետև վանքը գտնվում էր դաշտում, հեռու քաղաքից։ Երբ որ Լյուսինդան համոզվեց, որ դոն Ֆերնանդոյի ձեռքն է ընկել, իսկույն ուշաթափվեց և, ուշքի գալով մնաց լուռ և միայն հառաչում ու լալիս էր։ Այդպես լուռ ու արտասվաթոր նրանք բերին հասցրին այս պանդոկը և թվում է հիմա, որ ինքը երկինքն է ընկել, որտեղ հաղթահարվում ու ավարտվում են բոլոր երկրային աղետները։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXVII== | ||
+ | |||
+ | Որ պարունակում է Միկոմիկոնի թագաժառանգուհու պատմության շարունակությունը այլ զվարճալի արկածների հետ | ||
+ | |||
+ | |||
+ | Սանչոն ականջ էր դնում այս խոսակցություններին և հոգով վշտանում տեսնելով, որ չքանում ու ցնդում են տիտղոս ստանալու հույսերը։ Միկոմիկոնի չքնաղ իշխանուհին Դորոթեա դառավ, հսկան՝ դոն Ֆերնանդո, մինչդեռ իր տերը քնել է խոր քնով և չի էլ գուշակում, թե ինչ է պատահել։ Դորոթեան չէր կարողանում հավատալ, որ այս երջանկությունը երազում չի տեսնում։ Նույնն էր կարծում նաև Կարդենիոն, ասենք՝ Լյուսինդան էլ այլ կերպ չէր պատկերում։ Դոն Ֆերնանդոն շնորհակալ էր երկնքից առաքված շնորհի համար և նրա համար, որ ինքը դուրս եկավ վերջապես խճճված լաբիրինթոսից, որտեղ ռիսկ էր անում կորցնել և՛ իր հոգին, և՛ իր բարի անունը։ Մի խոսքով՝ պանդոկում բոլոր գտնվողները ուրախանում ու զվարճանում էին, որ այս բարդ ու անհույս հանգամանքներն այսքան բախտավոր ելք ունեցան։ Քահանան, որպես խելահաս մարդ, աշխատում էր ամեն ինչ հաշտեցնել և յուրաքանչյուրին շնորհավորում էր ձեռք բերած հաջողության համար։ Սակայն ամենից շատ ուրախանում ու ցնծում էր պանդոկապանուհին, որովհետև Կարդենիոն ու քահանան խոստացել էին վճարել դոն Կիխոտի հասցրած բոլոր վնասները, տոկոսներն էլ վրան։ Սակայն Սանչոն, ինչպես արդեն վերև ասված էր, վշտացել, ցավում ու դարդ էր անում։ Մռայլ դեմքով նա ներս մտավ իր տիրոջ սենյակը, որը այդ պահին զարթնել էր, և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դե, հիմա, ձերդ ողորմածություն, Տխուր Պատկերի սինյոր, դուք կարող եք քնել, որքան կամենաք և կարող եք հոգս չքաշել հսկա սպանելու և իշխանուհուն թագավորություն վերադարձնելու մասին՝ այդ գործը գլուխ է եկել֊պրծել։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ այդ կարծիքին, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― քանի որ հսկայի հետ այնպիսի դաժան ճակատամարտ ունեցա, որպիսին ես, երևի, այլևս ոչ ոքի հետ չեմ ունենա։ Ես նրան մի հարված հասցրի ո՜ր գլուխը թռավ ու արյունը հոսեց, ինչպես գետի ջուր։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ է ասեք՝ ինչպես կարմիր գինի, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ամոթ չլինի ասել, եթե ձերդ ողորմածությանն այդ հայտնի չէ, սպանված հսկան մի ծակված տիկ է եղել, իսկ արյունը՝ միջի վեց արրոբա կարմիր գինին, իսկ թռած գլուխը․․․ ձեր երևակայության արդյունքն է, սատանան տանի այդ ամենը։ | ||
+ | |||
+ | ― Ինչե՜ր ես ասում դու, խելառ, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Խելքդ տե՞ղն է։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ է վեր կենաք, ձերդ ողորմածություն, և տեսնեք, թե ինչեր եք արել և ինչքան ենք ստիպված լինելու վճարելու։ Այն ժամանակ դուք կտեսնեք, որ թագուհին մի սովորական տիկին է դառել, անունը՝ Դորոթեա և շատ բան է պատահել, որ, անշուշտ, ձեզ զարմանք կպատճառի։ | ||
+ | |||
+ | ― Ինձ ոչինչ զարմացնելու ընդունակ չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև արդեն անցյալ անգամ, որ մենք այստեղ իջևանեցինք, ես ասացի քեզ, անշուշտ, դու հիշելիս կլինես, որ այս տանը ամեն ինչ ենթարկված է հմայքի։ Զարմանալի չէ, որ հիմա էլ նույնը տեղի ունենա։ | ||
+ | |||
+ | ― Ես այդ ամենին կհավատայի, ― առարկեց Սանչոն, ― եթե վերմակն էլ, որի վրա ինձ վեր֊վեր էին թռցնում, նույնպես հմայված լիներ։ Սակայն ոչ, այն իսկական և իրական վերմակ էր։ Եվ ես հիշում եմ, որ նույն պանդոկպանը, որ հիմա էլ այստեղ է, բռնել էր նրա ծայրից և բոլոր ուժով ինձ վեր֊վեր էր թռցնում, այն էլ ծաղր ու ծանակ անելով ինձ։ Թեև ես ուսումնական մարդ չեմ, այնուհանդերձ կարծում եմ, թե քանի որ նրանց բոլորի երեսը ճանաչեցի, ուրեմն՝ այստեղ ոչ մի կախարդանք չկա և չի եղել, այլ պարզապես սաստիկ ծեծ է եղել և մեծ անախորժություն։ | ||
+ | |||
+ | ― Էհ, Աստված տա, ամեն ինչ կարգի կգա, ― ասաց դոն Կիխոտը, ― իսկ հիմա շորերս տուր հագնեմ։ Ես ուզում եմ գնամ֊տեսնեմ այդ բոլոր անցք ու դեպքերը և կերպարանափոխումները, որոնց մասին դու պատմում ես։ | ||
+ | |||
+ | Սանչոն մատուցեց նրան զգեստը և, մինչև դոն Կիխոտը հագնում էր, քահանան պատմեց դոն Ֆերնանդոյին և մնացյալ ներկա եղողներին ասպետի խելագարության մասին և այն խորամանկության մասին, որին իրենք դիմել են, որպեսզի նրան դուրս կորզեն Պենյա Պոբրեյից, ուր նա քաշվել էր իր տիկնոջ երևակայական խստասրտությունից։ Նա նմանապես պատմեց գրեթե նրա բոլոր արկածները, որոնց մասին հաղորդել էր Սանչոն և բոլորը շատ զարմացան ու ծիծաղեցին, որովհետև գտան, որ (ինչպես և ամեն ոք նրանց փոխարեն կգտներ) դա խելագարության ամենատարօրինակ տեսակն է, որ երբևիցե վրա է հասել խանգարված խելքին։ Ապա քահանան հայտարարեց՝ քանի որ գործի երջանիկ ելքը թույլ չի տալիս սինյորա Դորոթեային շարունակել խաղալ իր դերը, ապա անհրաժեշտ է հնարել և հեյրուրել մի այլ միջոց դոն Կիխոտին տուն հասցնելու համար։ Կարդենիոն առաջարկեց շարունակել խաղը, ասելով, որ Լյուսինդան շատ լավ կփոխարինի Դորոթեային և կխաղա նրա դերը մինչև վերջ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ― ասաց դոն Ֆերնանդոն, ― կարիք չկա։ Ես կկամենայի, որ Դորոթեան շարունակեր թագուհի ներկայանալու և եթե այդ դժբախտ կաբալյերոյի ծննդավայրը այստեղից շատ հեռու չէ, ես ուրախ կլինեմ նպաստելու նրա բուժման։ | ||
+ | |||
+ | ― Երկու օրվա ճամփա է մնացել, ոչ ավել, ― ասաց քահանան։ | ||
+ | |||
+ | ― Եթե անգամ ավել լիներ, ― պատասխանեց դոն Ֆերնանդոն, ― ես հաճույքով կերթամ նման բարի գործի համար։ | ||
+ | |||
+ | Այդ րոպեին երևան եկավ դոն Կիխոտը իր ամբողջ արդ ու զարդով, Մամբրինի ծռված սաղավարտը գլխին և վահանը ձեռքին, հենվելով իր փայտի կամ նիզակի վրա։ Դոն Ֆերնանդոն և բոլոր մնացյալները զարմացած մնացին նրա տարօրինակ տեսքից՝ չոր ու դեղնած դեմքից՝ կես արշին երկարությամբ, նրա դեսից֊դենից հավաքած զենքերից և արժանապատվությամբ լի կեցվածքից։ Բոլորը լռեցին և սպասում էին, թե ինչ կասի նա, իսկ նա, հանդիսավոր ու հանգիստ, դարձնելով իր հայացքը չքնաղ Դորոթեային, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Իմ զինակիրը, չքնաղ տիրուհի, զեկուցեց ինձ, որ ձերդ մեծությունը կործանվել է և ձեր անձնավուրությունն անհայտացել է, որովհետև թագուհուց ու ազնվազարմ տիրուհուց, որ դուք եղել եք առաջ, հիմա դուք հասարակ աղջիկ եք դառել։ Եթե դա տեղի է ունեցել ձեր հոր, գրբաց֊թագավորի կամքով, որ երկյուղ է կրում, թե ես ձեզ բավականաչափ և անհրաժեշտ օգնություն չեմ հասցնի, ապա իմացած եղեք, որ նա իր գիտության կեսին էլ չի հասել և ասպետական պատմություններից գլուխ չի հանում։ Եթե կարդացած ու ուսումնասիրած լիներ այնքան ուշադիր ու երկար, ինչպես ուսումնասիրել և կարդացել եմ ես, նա նրանց մեջ ամեն քայլափոխում կգտներ օրինակներ այն բանի, որ ուրիշ ասպետներ, ինձնից պակաս հռչակավոր, առավել դժվարին սխրագործություններ են կատարել։ Մեծ բան հո չի ինչ֊որ չնչին հսկա սպանելը, որքան էլ հանդուգն լինի նա։ Ընդամենը մի քանի ժամ առաջ ես հանդիպեցի նրան և․․․ սակայն ես գերադասում եմ լռել, որպեսզի չասեն, թե ես սուտ եմ ասում։ Սակայն ժամանակը, որի հանդեպ մեր գործերից և ոչ մեկը գաղտնի չի մնա, կբանա մեզ ամենը, երբ դուք ամենից քիչ այդ սպասելու լինեք։ | ||
+ | |||
+ | ― Դուք երկու տիկ եք հանդիպել և ոչ թե հսկայի, ― միջամտեց պանդոկպանը։ | ||
+ | |||
+ | Սակայն դոն Ֆերնանդոն հրամայեց, որ նա լռի և ոչ մի դեպքում չընդահատի դոն Կիխոտի ճառը։ Վերջինս շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Վերջ ի վերջո ի՞նչ ասեմ ես, ով ազնվազարմ և պսակազերծ տիրուհի։ Եթե ձեր հայրն է կատարել այդ այլակերպությունը հիշատակածս պատճառով, ապա չհավատաք։ Որովհետև աշխարհիս երեսին այնպիսի վտանգ չկա, որի միջով իմ սուրը ճամփա բաց արած չլինի։ Եվ ձեր թշնամու գլուխը գետնահար անելուց հետո ես շուտով ձեր գլխին կդնեմ ձեր երկրի թագը։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը լռեց, սպասելով իշխանուհու պատասխանին։ Իսկ վերջինս, իմացած լինելով, որ դոն Ֆերնանդոն վճռել է խաբեությունը շարունակել, որպեսզի դոն Կիխոտին տուն հասցրած լինի, պատասխանեց շատ լուրջ ու ծանրակշիռ․ | ||
+ | |||
+ | ― Ով էլ ձեզ ասած լինի, Տխուր Պատկերի Ասպետ, թե ես փոխել ու կորցրել եմ նախկին կոչումը, սուտ է ասել, որովհետև ես այսօր էլ նույնն եմ, ինչ որ երեկ եմ եղել։ Ճիշտ է, որոշ նպաստավոր դեպքեր մի քիչ փոփոխել են իմ դրությունը և բարվոքել ավելի, քան թե ես կարող էի հուսալ, այնուհանդերձ այդ պատճառով ես չեմ դադարել ա՛յն լինելուց, ինչ որ եղել եմ առաջ և չեմ թողել ինձնից անբաժան ա՛յն միտքը, որ պիտի օգտվեմ ձեր հզոր ու անհաղթ բազկի զորությունից։ Արդ, տեր իմ, հաճեցեք վերադարձնել պատիվը այն մարդուն, որ ինձ կյանք է տվել և հավատացեք, որ նա իմաստուն ու խելամիտ մարդ է, քանի որ իր գիտության շնորհիվ նա իմ աղետներին վերջ տալու այսքան հեշտ ու ճիշտ ուղի է գտել։ Ես հավատացած եմ, որ առանց ձեզ, տեր իմ, ես երբեք չէի հասնի այն երջանկության, որին տիրացել եմ հիմա։ Իմ խոսքերի ճշմարտությունը կարող է հաստատել այստեղ կանգնած բարի սինյորների մեծ մասը։ Մեզ մնում է, որ վաղը ճամփա ընկնենք, որովհետև այսօր մենք արդեն չենք կարողանա մեծ ճամփա կտրել։ Գալով գործի երջանիկ ավարտմանը, որ ես հուսով եմ, ես ապավինում եմ Աստծուն և ձեր արի սրտին։ | ||
+ | |||
+ | Այդպես ասաց խելացի Դորոթեան։ Նրան լսելուց հետո դոն Կիխոտը մեծ դժկամությամբ դարձավ Սանչոյին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Իմացած լինես, Սանչո բարեկամ, որ քեզ նման անպիտանը բովանդակ Իսպանիայում չի գտնվի։ Ասա, գող֊ավազակ, դու չէի՞ր նոր ինձ ասում, թե իշխանուհին կերպարանափոխվել, Դորոթեա անունով աղջիկ է դառել, թե իմ կտրած հսկայի գլուխը՝ երևակայություն է և այլ սարսաղ բաներ, որոնցից ես այնքան շփոթվեցի, որ իմ օրում երբեք չէր եղել։ Երդվում եմ․․․ (նա աչքերը վեր բարձրացրեց և սեղմեց ատամները), որ ես քեզ իսկույն կտոր֊կտոր կանեմ՝ բոլոր ստախոս զինակիրներին սաստելու համար, որ թափառական ասպետները ունենալու լինեն։ | ||
+ | |||
+ | ― Հանգստացեք, ձերդ ողորմածություն, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― շատ կարող է պատահել, որ ես տիրուհի Միկամիկոնայի կերպարանափոխության վերաբերյալ մի բան շփոթած լինեմ։ Գալով հսկայի գլխին, ավելի ճիշտ՝ ծակծկված տկերին և այն բանին, որ արյունը կարմիր գինի է եղել, ապա երդվում եմ Աստծով, որ ես չեմ սխալվում, որովհետև ծակծկված տկերը մինչև հիմա էլ ձերդ ողորմածության անկողնի գլխատեղի մոտ են, իսկ կարմիր գինին լճացել է։ Իսկ եթե չեք հավատում, համբերեցեք մինչև ձեր ճաշը եփեն, դուք կտեսնեք, թե սինյոր պանդոկպանը ինչ հաշիվ կներկայացնի իր վնասների համար։ Իսկ մնացած բաներում, եթե տիրուհի իշխանուհին նույնն է մնացել, ինչ որ եղել էր, ապա ես սրտանց ուրախ եմ, կնշանակի՝ ինձ էլ, ինչպես աշխարհի ամեն մի զավակի, իմ բաժինը կհասնի։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ կասեմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ներիր ինձ, բայց դու ախմախ ես և բավական է։ | ||
+ | |||
+ | ― Բավական է, ― կրկնեց դոն Ֆերնանդոն, ― այլևս դրանից չխոսենք։ Քանի որ տիրուհի իշխանուհին վճռեց, որ մենք վաղը ճամփա ընկնենք, քանի որ այսօր արդեն ուշ է, ապա թող այդպես լինի։ Ողջ գիշերը, մինչև լուսաբաց, մենք հաճելի զրույցով անց կկացնենք, իսկ վաղը մենք բոլորս կուղեկցենք դոն Կիխոտին, որովհետև մենք փափագում ենք նրա արի և անլուր սխրագործությունների վկաները լինել, որ նա մտադիր է կատարելու, ձեռնամուխ լինելով այդ մեծ ձեռնարկին։ | ||
+ | |||
+ | ― Ե՛ս պիտի ծառայեմ ձեզ և ուղեկցեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ես իսկապես երախտապարտ եմ ձեզ ինձ ցույց տված ողորմածության և իմ մասին ձեր բարձր կարծիքի համար, որ ես կաշխատեմ արդարացնել, անգամ կյանքի գնով և ավելի բարձր գնով, եթե դա հնարավոր է։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտն ու դոն Ֆերնանդոն իրար էլի շատ սիրալիր խոսքեր ասացին և ծառայության առաջարկներ արին։ Այդ ամենին վերջ տվեց պանդոկում մի ճամփորդի երևան գալը, որի հագուստից երևում էր, որ մավրերի երկրից նոր եկած քրիստոնյա է։ Նրա հագին կապույտ մահուդից կապա կար, առանց օձիքի, թևերը՝ մինչև արմունկները և փեշերը՝ կարճ։ Նրա վարտիքը և գլխարկը նույն գույնի քաթանից էին։ Ոտներին դեղնագույն կոշիկներ կային, ուսից փոկ էր գցած, որից կախված էր մավրիտանական կեռ դաշույն։ Նրա ետևից, էշի վրա մի կին էր գալիս, որ մավրուհու զգեստ ուներ։ Նրա դեմքը ծածկված էր չադրայով, քողով փաթաթած գլխին դիպակե գլխարկ էր դրած, նրա երկար ալմալաֆան<ref>Մանտիայի նման երկար զգեստ, արաբական նախշերով ասեղնագործած մետաքսե հաշիայով և արծաթե կամ ոսկե մեծ ճարմանդով՝ կրծքի վրա։ Հագնում էին ազնվատոհմ մավրուհիները (ավելի սակավ՝ մավրերը) սովորաբար գարնանը։</ref> հանսում էր մինչև ոտները։ Տղամարդը հաղթանդամ էր և ուներ հաճելի տեսք։ Նա մոտ քառասուն տարեկան էր, թուխ դեմքով, երկար բեղերով և նրբին մորուսով։ Մի խոսքով՝ պարզ էր, որ եթե նա լավ հագնված լիներ, ամենքը նրան ազնիվ ու ազնվական սինյորի տեղ կդնեին։ Ներս մտնելով, նա պահանջեց, որ իրեն սենյակ հատկացնեն և երբ որ ասացին, թե ազատ սենյակ չկա, նա, թվաց որ, սաստիկ վշտացավ։ Ապա, մոտենալով իր ուղեկցուհուն, որ արտաքուստ մավրուհի էր, բռնեց նրան և վայր բերեց էշից։ Լյուսինդան, Դորոթեան, պանդոկապանուհին, նրա աղջիկն ու Մարիտորնեսը, հետաքրքրվելով առանձնահատուկ և դեռևս չտեսնված զուգսերով, շրջապատեցին անծանոթ կնոջը։ Իսկ Դորոթեան, ինչպես միշտ սիրալիր, բարեհամբույր և վարվեցողություն գիտցող, տեսնելով, որ տիկինն ու իր ուղեկիցը վշտացել են օթևանելու տեղ չգտնելու պատճառով, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հարմարությունների պակասությունների վրա ուշադրություն մի՛ դարձրեք, սինյորա, իջևաններում, սովորաբար, հարմարությունները սակավ են լինում։ Սակայն եթե դուք հաճելու լինեք մեզ հետ տեղավորվելու, ― ավելացրեց նա, ցույց տալով Լյուսինդային, ― ապա հավատացած եղեք, որ ձեր ողջ ճամփորդության ընթացքում հազիվ թե ավելի սիրալիր ընդունելություն գտնեք։ | ||
+ | |||
+ | Չադրա գցած կինը դրան ոչինչ չպատասխանեց, միայն վեր կացավ և, ձեռները ծալած կրծքին, գլուխը խոնարհեց և խոր գլուխ տվեց, կամենալով ցույց տալ, որ շնորհակալ է առաջարկի համար։ Այդ լռությունից նրանք հետևցրին, որ նա անտարակույս մավրուհի է և քրիստոնեաբար խոսել չգիտե։ Այդ վայրկյանին մոտ եկավ գերին, որ մինչ այդ այլ բանով էր զբաղված ու տեսնելով, որ ամենքը շրջապատել են իր ուղեկցուհուն, իսկ սա, բոլոր խոսքերին լռությամբ է պատասխանում, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Չքնաղ տիկիններ, այս աղջիկը դժվարությամբ է հասկանում մեր լեզուն և միայն իր հայրենիքի լեզվով է խոսում։ Ահա թե ինչու նա չի պատասխանում և չի պատասխանել այն հարցերին, որ երևի դուք տվել եք։ | ||
+ | |||
+ | ― Մենք նրանից բան չենք հարցրել, ― ասաց Լյուսինդան, ― այլ պարզապես առաջարկել ենք, որ գիշերը մեր հասարակության մեջ անցկացնի սենյակում, որտեղ մենք ենք տեղավորվել։ Մենք նրան ամեն հարմարություն կընծայենք, որ ինքներս ունենք, որովհետև բարի ցանկությունը մղում է մեզ ծառայություն մատուցել օտարականներին, որ ունեն կարիք, մանավանդ կանանց։ | ||
+ | |||
+ | ― Իմ և նրա կողմից, տիրուհիդ իմ, համբուրում եմ ձեր ձեռքը, մեծապես գնահատելով, ինչպես այդ արժանի է, ձեր ցույց տված շնորհը։ Ձեր նման անձից, ինչպիսին դուք եք ներկայանում ինձ, և այսպիսի ծայրահեղ պարագաներում բխած շնորհը առանձնապես մեծ է։ | ||
+ | |||
+ | ― Ասացեք ինձ, սինյոր, ― հարցրեց Դորոթեան, ― այս տիրուհին քրիստոնյա՞ է, թե՞ մահմեդական։ Նրա լռությունն ու զուգսերը հարկադրում են մեզ կարծել նրա մասին այնպես, որ մեր սրտովը չէ։ | ||
+ | |||
+ | ― Իր զգեստն ու մարմինը մահմեդական են, իսկ հոգին՝ բոցավառ քրիստոնյա, որովհետև նա վառ ցանկությամբ է համակված այդպիսին դառնալու։ | ||
+ | |||
+ | ― Ուրեմն նա դեռևս մկրտված չէ՞, ― հացրեց Լյուսինդան։ | ||
+ | |||
+ | ― Մենք ժամանակ չենք ունեցել դրա համար, ― պատասխանեց գերին։ ― Այն պահից, ինչ նա լքեց իր հայրենի հողը՝ Ալժիրը, նա երբեք այնպիսի մահացու վտանգի ենթարկված չի եղել, որ մեզ հարկադրեր մեր մկրտությունը կատարելու նախքան նա բավականաչափ ծանոթանա բոլոր ծեսերին, որ ուսուցանում է մեզ մեր սուրբ մայր եկեղեցին։ Սակայն տերը կօգնի նրան շուտով մկրտություն ընդունելու շքեղությամբ, որ վայելում է նրա դիրքին։ Նա ավելի ազնվական է, քան կարելի է հետևցնել նրա և իմ հագուստից։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերը բոլոր ներկա եղողներին սաստիկ ցանկություն ներշնչեցին իմանալու, թե գերին ու մավրուհին ովքեր են։ Սակայն այդ վայրկյանին ոչ ոք սիրտ չարեց հարց ու փորձ անելու, քանի որ բոլորն էլ տեսնում էին, որ նա ավելի կարոտ է հանգստյան, քան իր կյանքից պատմություններ անելու։ Դորոթեան բռնեց անծանոթ աղջկա ձեռքից, նստեցրեց իր կողքին և խնդրեց, որ երեսի քողը հանի։ Աղջիկը նայեց գերու վրա, ասես թե հարցնելիս լիներ ― ի՞նչ են ասում և ինքն ի՞նչ պիտի անի։ Գերին ասաց նրան արաբերեն, որ նրանք խնդրում են քողը հանել և նա պիտի այդ կատարի։ Աղջիկը վեր քաշեց քողը և ամենքը տեսան այնպիսի չքնաղ մի դեմք, որ Դորոթեային թվաց, թե Լյուսինդայից ավելի գեղեցիկ է, իսկ Լյուսինդային՝ ավելի գեղեցիկ քան Դորոթեան, իսկ բոլոր շրջապատողները հայտարարեցին, որ եթե մեկն ու մեկը կարող է հավասարվել այդ երկու գեղեցկուհիներին, ապա դա միմիայն մավրուհին է։ Ոմանք նույնիսկ գտան, որ որոշ կողմերով մավրուհին գերազանցում է։ Եվ որովհետև գեղեցկությունը ուժ ու ունակություն ունի սրտերի մեջ խաղաղություն մտցնելու և ազդելու կամքի վրա, ապա ամենքն իսկույն վառվեցին չքնաղ մավրուհուն ծառայելու և հաճոյանալու եռանդով։ Դոն Ֆերնանդոն հարցրեց գերուց աղջկա անունը։ Սա պատասխանեց՝ Լելա Զորադիա։ Մավրուհին, լսելով այդ անունը և հասկանալով, թե նրանք ինչ են հարցրել քրիստոնեական լեզվով, շտապ֊շտապ, անհանգիստ ու կայտառ բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Ոչ, Զորադիա չէ, այլ Մարիամ, Մարիամ, ― կամենալով դրանով ասած լինել, որ իր անունը ոչ թե Զորադիա է, այլ Մարիամ։ | ||
+ | |||
+ | Այդ խոսքերը այնքան կրքոտ արտասանված, շատերի սիրտը շարժեցին մինչև արցունք։ Առանձնապես զգացված էին կանայք, որոնք բնականից ավելի քնքուշ ու դյուրազգաց են։ Լյուսինդան սիրառատ գրկեց նրան և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այո՛, այո՛, Մարիամ, Մարիամ։ | ||
+ | |||
+ | Մավրուհին դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Այո՛, այո՛, Մարիամ։ Զորաիդա Մականջե, ― ասել է թե «չի՛»։ | ||
+ | |||
+ | Այնինչ վրա հասավ գիշերը և պանդոկապանը, դոն Ֆերնանդոյի ուղեկիցների հրամանով, հոգ տարավ և աշխատեց որքան կարելի է լավ ընթրիք պատրաստել։ Եվ երբ որ ժամանակը եկավ, բոլորը նստեցին երկար, վանական սեղանատան ճաշի սեղանի նման մի սեղանի շուրջը, որովհետև պանդոկում ոչ կլոր, ոչ էլ քառակուսի սեղան կար։ Սեղանի ճակատին նստեցրին դոն Կիխոտին, չնայած որ նա հրաժարվում էր։ Դոն Կիխոտը ցանկություն հայտնեց, որ Միկոմիկոնի տիրուհին նստի իր կողքին որպես իրեն հովանավորողի հետ։ Ապա տեղավորվեցին Լյուսինդան ու Զորաիդան, նրանց դեմուդեմ դոն Ֆերնանդոն ու Կարդենիոն, ապա՝ գերին և մնացյալ սինյորները, իսկ տիկինների կողքին՝ քահանան ու դալլաքը։ Այդպես նրանք ընթրում էին մեծ հաճույքով, որ ավելի շատացավ, երբ որ հասարակությունը տեսավ, թե դոն Կիխոտը դադարեց ուտելուց և, ներշնչված նույնքան առատ ոգևորությամբ, ինչպես այծարածների հետ ընթրելու միջոցին, սկսեց խոսել․ | ||
+ | |||
+ | ― Սինյորներ, ճշմարիտն ասած, եթե լավ ուշ դարձնելու լինեք, նրանք, ովքեր թափառական ասպետության ուխտին են նվիրվել, մեծամեծ և անլուր բաներ են տեսնում։ Երևակայեցեք, թե աշխարհիս երեսին ապրողներից մեկն ու մեկը ներս մտնի այս դղյակի դարպասով և տեսնի, թե ինչպես մենք հիմա նստած ենք, մի՞թե նա գլխի կընկնի և հավատ կընծայի, որ մենք այն մարդիկն ենք, ինչ որ իրոք կանք։ Ո՞վ կասի, որ այս տիրուհին, որ նստած է իմ կողքին, մեզ բոլորիս հայտնի մեծ թագուհին է, և որ ես այն Տխուր Պատկերի Ասպետն եմ, որի անունը գովաբանում է Փառքը։ Այո՛, հիմա այլևս անկարելի է կասկածել, որ ասպետի արվեստն ու արհեստը գերազանցում են բոլոր արվեստներն ու արհեստները, որ հնարել է մարդս և արժանի է առանձնակի ուշադրության, որովհետև կապված է մեծագույն վտանգների հետ։ Թող կորչեն իմ աչքերից այն մարդիկ, որ պնդում են, թե գիտությունները ռազմական գործից բարձր են, որովհետև ես նրանց կպատասխանեմ, ովքեր էլ նրանք լինեն, որ նրանք չգիտեն, թե ինչ են ասում։ Որովհետև փաստարկումը, որ նրանք սովորաբար բերում են և որի վրա նրանք առանձնապես պնդում են, այն է, թե հոգևոր աշխատանքը մարմնավորից վեհ է, իսկ ռազմական գործում լոկ մարմինն է մասնակցում, ասես թե մշակի արհեստի պես, ռազմական գործը, ուժից բացի, այլ բան չի պահանջում։ Ասել թե այն բանի մեջ, որ մենք, ռազմիկներս ռազմական արվեստ ենք կոչում, չեն մտնում նույնպես արի գործերը, որոնց կատարման համար մեծ ընդունակություններ են պահանջվում։ Եվ ասես թե ռազմիկի խելքը, որի պատասխանատվության վրա է բանակը կամ պաշարված քաղաքը, ավելի քիչ է աշխատում, քան մարմինը։ Եթե այդպես չէ, ապա ասացեք ինձ, կօգնե՞ն ձեզ արյդոք մարմնի ուժերը թշնամու մտադրությունները, նրա ծրագիրները, ռազմական խորամանկությունները և դավերն ըմբռնելու ու նախագուշակելու և ձեզ սպառնացող վտանգի առաջն առնելու համար։ Ախր, այդ ամենը խելքի բան է, և մարմինն այդ գործում բնավ մաս չունի։ Սակայն քանի որ ապացուցված է, որ ռազմական գործը կարոտ է ոգու նույնքան, որքան և գիտությունները,<ref>Այստեղ և այսուհետև բնագրում գործ է ածվում letras բառը, որ մոտավորապես նշանակում է բանասիրական, հումանիտար գիտություններ (նեռարյալ և իրավագիտությունը)։ Այսպիսով, letras֊ով կարող էին զբաղվել գրականագետները, լեզվաբանները, իրավաբանները, քաղաքացիական չինովնիկները և այլք, որի շնորհիվ էլ, նայած բնագրին, այդ արտահայտությունը մենք թարգմանում ենք տարբեր առումներով։</ref> ապա տեսնենք, թե ո՞րի խելքն է ավելի օգտակար գործ կատարում՝ գրագետի՞նը, թե՞ ռազմիկինը։ Մենք կարող ենք դատել այդ մասին նրանից, թե արդյոք նրանցից յուրաքանչյուրը ինչ նպատակի է ձգտում, որովհետև այն նպատակը պիտի ավելի կարևոր համարվի, որ ուղղված է ավելի ազնիվ նպատակի։ Գիտության խնդիրն ու նպատակը (ես, իհարկե, աստվածաբանական գիտության մասին չեմ խոսում, որի նպատակն է բարձրացնել մեր հոգիները առ երկինք, որովհետև այդ անսահման վերջնական նպատակին ոչ մի բան չի հավասարվի։ Ոչ, խոսքս աշխարհիկ գիտությունների մասին է), արդ, նրանց նպատակն է հաստատել արդարություն բարիքների բաշխման մեջ, յուրաքանչյուր ոքի տալ այն, ինչ նրան պատկանում է և աշխատել ու հոգ տանել, որ կատարվեն բարի օրենքները։ Նպատակը, անտարակույս, ազնիվ է, վեհ և արժանի մեծամեծ գովասանքի։ Այնուհանդերձ, այն նպատակը, որին ձգտում է ռազմական գործը, արժանի է ավելի մեծ գովասանքի, որովհետև այդ նպատակը խաղաղությունն է, գերագույն բարիքը, որ հասավ աշխարհին ու մարդկանց, հրեշտակների ավետիքն էր այն գիշերը, որ մեզ բոլորիս համար ցերեկ դարձավ։ Նրանք երգում էին երկրի վրա․ «Փառք ի բարձրունս Աստծու և խաղաղություն երկրին և բայրացակամություն մարդկանց»։ Եվ ողջույնը, որ երկրի և երկնքի լավագույն ուսուցիչը ուսուցանում էր իր սիրեցյալ աշակերտներին որևէ տուն մտնելիս ասելու ― դա՝ «խաղաղություն տանս այսմիկ»֊ն է։ Ապա քանիցս նա ասել է՝ «խաղաղություն զիմ տամ ձեզ, խաղաղություն զիմ թողում ձեզ, խաղաղություն ընդ ձեզ»։ Իրոք որ այդ թանկարժեքությունը և շնորհը, որ տվել ու թողել է նա իր ձեռքով, թանկարժեքություն է, առանց որի աշխարհիս երեսին բարիք չկա, չկա և երկնքում։ Այդ խաղաղությունն է պատերազմի իսկական նպատակը, իսկ եթե պատերազմի, կնշանակի՝ նաև ռազմիկների։ Արդ, ընդունելով այն ճշմարտությունը, որ խաղաղությունը պատերազմի նպատակն է և որ, հետևաբար, այդ նպատակը գիտության նպատակից վերադաս է, անցնենք հիմա գիտնականի և ռազմիկի մարմնեղեն դժվարություններին և տեսնենք, թե արդյոք որի՞նն է ավելի ծանր։ | ||
+ | |||
+ | Այս տեսակ և այսպիսի չքնաղ ոճով շարունակեց դոն Կիխոտն իր ճառը, և նրա ունկնդիրներից և ոչ մեկը այն վայրկյանին չէր ասի, թե նա խելագար է։ Ընդհակառակը՝ նրա ունկնդիրների մեծ մասը կաբալյերոներ էին, որոնց ռազմական գործը մոտ էր, և նրանք մեծ հաճույքով էին լսում։ Իսկ նա շարունակում էր․ | ||
+ | |||
+ | ― Ահա՛, ասեմ, ուսանողի նեղությունը նախ և առաջ նրա չքավորությունն է (ես չեմ ուզում ասած լինեմ, թե նրանք բոլորն էլ չքավոր են, սակայն դիտմամբ ծայրահեղ դեպքն եմ վերցնում)։ Ասելով, որ նրանք չքավորություն են քաշում, ես, կարծեմ, կարող եմ նրանց աղետների խնդիրն այլևս չարծարծել, որովհետև չքավորը ոչ մի լավ բանի տեր չի լինի։ Նրանք ամեն տեսակ չքավորություն են քաշում՝ մերթ սով, մեկ սառնամանիք, մերթ մերկություն, մերթ այս ամենը միասին։ Այնուհանդերձ, չնայած չքավորության՝ նրանք սնվում են, թեև սովորականից ուշ լինի, թեև հարուստների սեղանի փշրանքներով լինի։ Բայց գիտնականների շրջանում դա մեծ չքավորություն է համարվում, և նրանք ասում են՝ «սպասի ետևից ընկնել»։<ref>Սովորություն, որի համաձայն վանքերում որոշ ժամին մուրացկաններին բաց էին թողնում սպասի մնացորդ և հացի կրծոններ։</ref> Բայց էլի բարի մարդիկ նրանց համար մանղալից կամ վառարանից ունենում են, որ թեև նրանց լիովին չի տաքացնում, սակայն դարձյալ մեղմում է ցուրտը։ Համ էլ գիշերները նրանք կտուրի տակ են քնում։ Էլ չեմ խոսում այլ մանր֊մունր բաներից։ Բոլորին հայտնի է, որ նրանք քիչ շապիկ են ունենում, ոտնամանն էլ այնքան առատ չի, որ շորը ոչ միշտ է լինում, իսկ եթե լինում էլ է, ապա ծայր աստիճան մաշված է լինում, և եթե բարի բախտը նրանց հյուրասիրություն է առաքում, նրանք ագահությամբ են վրա տալիս։ Ահա այդ՝ իմ նկարագրած ուղիով գիրթ ու դժվարին, մի տեղ՝ սայթաքելով, այլ տեղ՝ վայր ընկնելով, երրորդ տեղ՝ վեր կենալով՝ նորից վայր ընկնելու համար, ― նրանք հասնում են բաղձալի գիտական աստիճանի։ Իսկ այդ փխրուն ավազուտն, այդ Սցիլլան ու Խարիբդան տեսնելուց հետո նրանցից շատերը բարեհաճ բախտի թևերի վրա հասնում են բարձր պաշտոնների և ղեկավարում ու կառավարում աշխարհս։ Այդ ժամանակ նրանց քաղցը փոխանցում է կուշտության, մրսելը՝ հաճելի հովի, մերկությունը՝ շքեղ զգեստի, և ընկողմանում են նրանք ոչ թե խսիրի այլ հոլանդական քաթանի և դամասկոսյան մետաքսի վրա։ Ահա թե ինչ վարձատրություն է տրվում նրանց առաքինությանը։ Համադրեցեք ապա և համեմատեցեք նրանց դժվարությունները ռազմիկ֊զինվորի դժվարություններին, և նրանք զգալի պակաս կլինեն, ինչպես ես հիմա կապացուցեմ։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXVIII== | ||
+ | |||
+ | Որ պարունակում է դոն Կիխոտի հետաքրքրական ատենախոսությունը ռազմական գործի և գիտությունների մասին | ||
+ | |||
+ | |||
+ | Դոն Կիխոտը շարունակեց այսպես․ | ||
+ | |||
+ | ― Ուսանողների աղքատությունը քննության առնելուց հետո զննենք, թե ավելի հարո՞ւստ է զինվորը, և մենք կգտնենք, որ ավելի չքավոր լինելն անկարելի է, որովհետև նա պահպանում է իր գոյությունը թշվառական մի ռոճիկով, որ կամ ուշ֊ուշ են տալիս, կամ իսկի չեն տալիս, և այն, ինչ նա թալանում է իր ձեռքերով նա անում է վտանգելով իր կյանքն ու փրկությունը հանդերձյալ կյանքում։ Հաճախ նա այնքան մերկ է լինում, որ մի հատիկ պատառոտած կաշվե բաճկոնակը նա գործ է ածում թե՛ որպես շապիկ, թե՛ վերի հագուստ, բացի այդ ոչինչ չունենալով ձմռան սառնամանիքին երկնքի խստությունից պաշտպանվելու համար, արձակ դաշտում և միայն իր սեփական շնչով է տաքացնում ինքն իրեն, որ դատարկ տեղից դուրս գալով, հակառակ բնական օրենքներին, պետք է որ ավելի սառը լինի, քան տաք։ Եվ չկարծեք, թե գիշերը վրա հասնելուց նա հույս է ունենում վարձատրվել բոլոր այդ անհարմարությունից կակուղ անկողնու մեջ։ Նրան սպասող անկողինը եթե շատ նեղ լինի, ապա մեղքը իրենն է, որովհետև չոր գետնի վրա նա կարող է տեղ գրավել՝ որքան կամենա, և շուռ ու մուռ գալ՝ առանց վախենալու, որ սավանները կճմռթի։ Ապա գալիս է մարզանքի ժամը և, թերևս, կռվի վայրկյանը՝ նա հաշմանդամ կդառնա, կզրկվի ձեռքից կամ ոտից, կամ գնդակը կկպչի նրա քունքին և նրա գլխին բժշկի գլխարկ կդնեն<ref>Դոկտորական աստիճանի նշան էր, հատուկ ձևի մի գլխարկ՝ ծոպով։</ref> ծվատից, որ բժշկվի։ Եթե նրան ոչ մի դժբախտություն չպատահի և գթառատ երկինքը նրան պահպանի ողջ և առողջ, արդյոք նա ավելի հարո՞ւստ կդառնա։ Նա չի՞ մնա արդյոք նույն աղքատության մեջ։ Նոր բախումներ, նոր կռիվներ պետք կլինեն և մշտական հաջողություն, որպեսզի նա որևէ բանից օգտվի։ Սակայն այդ հրաշքները սակավ են պատահում։ Ասացեք, խնդրեմ, սինյորներ, արդյոք խորհե՞լ եք դուք, թե քանի զինվոր է վարձատրվում պատերազմում և քանիսը՝ կորչում։ Դուք, անտարակույս, կպատասխանեք, որ համեմատություն չի կարող լինել, մեռածների քանակն անթիվ է, իսկ մնացածների քանակը սահամանփակվում է եռանիշ մի թվանշանով։ Բոլորովին հակառակն է ուսումնականների գործը՝ նրանք իրենց հոնորարներով թե նվիրատվություններով ապրելու միջոցներ միշտ գտնում են։ Այսպիսով, զինվորին բաժին է ընկնում ամենածանր աշխատանքը և միաժամանակ՝ նվազագույն վարձատվությունը։ Թերևս ինձ առարկեն, թե ավելի հեշտ է վարձատրել երկու հազար ուսումնական, քան երեսուն հազար զինվոր, որովհետև առաջինները վարձատրվում են այն պաշտոնով, որ իրավամբ պատկանում է նրանց արհեստին, իսկ մյուսները՝ լոկ իրենց տերերի ծախսով, որոնց նրանք ծառայում է։ Սակայն այս դատողությունն անգամ գալիս է հաստատելու իմ արտահայտած միտքը։ Սակայն մի կողմ թողնենք դժվարությունների այս լաբիրինթոսը և վերադառնանք զինվորականության առավելությանը հանդեպ ուսումնականների, մի հարց, որ տակավին չի լուծվել, չնայած երկու զինվորականները չէին կարող գոյություն ունենալ, որովհետև, եթե պատերազմն ունի իր օրենքները, որոնց նա ենթակա է, ապա այդ օրենքները կախված են գիտությունից ու գիտնականներից։ Իսկ ռազմական գործի կողմնակիցները պատասխանում են, թե առանց նրանց օրենքները, չէին կարող գոյություն ունենալ, որովհետև զենքով են պաշտպանում պետությունները, պահպանվում թագավորությունները, քաղաքները, ապահով դառնում ճանապարհները, ծովահեններից ազատում ծովերը, մի խոսքով, առանց նրանց պետությունները, թագավորությունները, միապետությունները, քաղաքները, ցամաք ու ծովային ճանապարհները կենթարկվեն վտանգների և աղետների, որ բերում է հետը պատերազմը, քանի որ նա տևում է, և նրա իրավունքն ուժն է գործում։ Իսկ ինչ որ ամենից թանկ արժե՝ առավել պիտի գնահատվի, ― դա հաստատ ու հանրածանոթ սկզբունքն է։ Գիտնականների շարքում աչքի ընկնող տեղ գրավելու համար անհրաժեշտ են ժամանակ, անքուն գիշերներ, քաղց, մերկություն, գլխի լարում, ստամոքսի խանգարում և ուրիշ բաներ, որ կապ ունեն դրա հետ և որ մասամբ ես վերը հիշատակեցի։ Սակայն բառիս բուն իմաստով լավ զինվոր դառնալու համար պետք է կրել նույն տառապանքը, ինչ որ ուսանողն է կրում, այն էլ այնպիսի աստիճանի հասցրած, որ համեմատություն անգամ չի կարող լինել, մանավանդ որ զինվորը յուրաքանչյուր վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը։ Եթե ուսանողին նեղում ու ծանրաբեռնում է կարիքի և չքավորության երկյուղը, կարո՞ղ է դա հավասարվել բերդում պաշարված զինվորի սարսափին, որ կանգնած որպես պահակ բուրգի կամ ամրոցի պատվարի վրա լսում է, որ թշնամին վարում է հողը հենց իր ոտների տակ ական դնելու համար և չի հանդգնում ո՛չ ետ քաշվել, ո՛չ փախչել՝ այդքան մոտալուտ վտանգից խուսափելու համար։ Միակ բանը, որ նա կարող է անել, դա իր մեծավորին տեղեկացնելն է, թե ինչ է կատարվում, որպեսզի թշնամու ականի առաջն առնի ականով։ Նա պարտավոր է անշարժ մնալ՝ ամեն վայրկյան սպասելով և երկյուղ կրելով, թե ահա առանց թևերի կթռչի մինչև ամպերը և ակամա կգահավիժի անդունդը։ Իսկ եթե այդ վտանգը մեծ չթվա ձեզ, ապա կան ուրիշները, ոչ միայն դրան հավասար, այլև դրանից վատթար։ Անծայրածիր ծովի մեջ երկու նավ քթերով դիպչում են իրար, հուպ են տալիս և սաստիկ սեղմում իրար։ Զինվորները մեկ նավից մյուսն անցնելու համար անցնում են նեղ տախտակի վրայով։ Նրանց վրա են նայում թշնամու թնդանոթները, մահվան սպասավորները, որ կորուստ են սպառնում։ Նրանց բերանները մի նիզակի չափ հեռավորության վրա են։ Յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է մարտնչողներին Նեպտունի խոր ծոցը նետել։ Եվ, չնայած այդ ամենին, պատվի զգացումից մղված, նրանք իրենց կուրծքը դեմ են անում հրանոթներին և նեղ տախտակով նետվում են թշնամու նավը։ Զարմանալի բան՝ հազիվ է մեկն ընկնում այնտեղ, որտեղից մինչև կատարումն աշխարհի չի ելնի, որ մյուսն արդեն գրավում է նրա տեղը։ Մեկը ծովն է ընկնում, որ սպասում է իրեն, թշնամու պես, նրան փոխարինում են նորերը, և ժամանակ չի լինում նրանց կործանումը նկատելու։ Պատերազմի վեր հանած արիությունից ավելին չի՛ լինի։ Հազար անգամ երջանիկ են եղել այդ դարերը, որ անծանոթ են եղել հրետանու սարսափելի գործիքներին։ Հեղինակը դիվային այդ գյուտի, որի միջոցով ամբարիշտ և տմարդի վախկոտը կարող է սպանել մի արի կաբալյերո, ես չեմ կասկածում, որ վարձատրված է արդեն դժոխում։ Այդ փայլուն սխրագործությունների միջոցին անհայտ է, թե ինչպես կամ որտեղից մի անիծված գնդակ, որ կարող է հրացանի բոցից սաստիկ վախեցած որևէ փախուստ տվող արձակած լինել, խզում է կյանքի թելը և խորտակում բոլոր ծրագիրները մի մարտիկի, որ արժանի էր ապրելու դեռ երկար տարիներ։ Երբ որ ես միտք եմ անում դրա մասին, զղջում եմ թափառական ասպետի արհեստ ընտրելու համար մեր զզվելի դարում, որովհետև, թեև ոչ մի վտանգ ինձ չի վախեցնում, ես չեմ կարող անհոգ խորհել, որ վառոդն ու գնդակը կարող են յուրաքանչյուր վայրկյան ինձ զրկել հռչակավոր դառնալու հնարավորությունից և աշխարհիս երեսին ինձ ճանաչել տալու իմ բազկի զորությամբ և իմ սրի ծայրով։ Սակայն թո՛ղ երկնքի կամքը լինի։ Եթե ես հաջողեմ, ես առավել բարձր կգնահատվեմ, որովհետև կամովին առավելագույն վտանգների եմ ենթարկված եղել, քան թե անցած դարերի ասպետները։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը այս երկար ատենախոսությունն արեց ուրիշների ընթրելու միջոցին, առանց մի կտոր անգամ ուտելու մասին մտածելու, թեև Սանչոն քանիցս համոզում էր, որ ընթրի և ապա խոսի, ինչքան կամենա։ Նրա ունկնդիրները զգացված ցավակցում էին, որ այսքան առողջ դատողություն ցուցադրող և այսքան ճարտար արտահայտվող մի մարդ միանգամայն կորցնում է իր բանականությունը, հենց որ խնդիրը անիծված ասպետականության է հասնում։ Քահանան նրան ասաց, որ նրա բոլոր փաստարկումները հօգուտ ռազմական գործի միանգամայն արդարացի են և որ թեև նա ինքը ուսումնական մարդ է և գիտական աստիճան ստացած՝ նույն կարծիքին է։ | ||
+ | |||
+ | Ընթրիքը վերջացավ, սեղանը հավաքեցին, և մինչև պանդոկպանի կինը, նրա աղջիկն ու Մարիտորներսը կարգի էին բերում դոն Կիխոտ Լամանչեցու փոքրիկ սենյակը, որովհետև որոշված էր, որ գիշերը նրա մեջ միայն կանայք պիտի օթևան գտնեին, դոն Ֆերնանդոն խնդրեց, որ գերին անի իրենց համար իր կյանքի պատմությունը՝ ավելացնելով, որ այդ պատմությունը, անշուշտ, համով֊հոտով կլինի, դատելով նրանից, որ նա երևան է եկել Զորաիդայի հետ։ Գերին պատասխանեց, թե սիրով կկատարեր նրա խնդիրքը, եթե վախենալու չլիներ, որ պատմությունը ունկնդիրներին պակաս զվարճություն կպատճառի, քան ինքը կկամենար։ Քահանան և բոլոր մնացածները շնորհակալություն հայտնեցին գերուն և դարձյալ խնդրեցին նույնը։ Տեսնելով, որ ամեն կողմից խնդրում են՝ նա հարկադրված էր բավարարելու։ | ||
+ | |||
+ | ― Խնդիրքն ավելորդ է, ― ասաց գերին, ― երբ որ բավական է հրամանը։ Դուք կլսեք ճշմարտապատում պատմություն և, թվում է ինձ, որին չեն հասնի հնարովի վեպերը, որքան էլ նրանք վարպետորեն հյուսված լինեն։ Դե, ուշադիր եղեք, ողորմած սինյորներ։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերից հետո բոլորը տեղ գրավեցին և սուս կացան։ Գերին, տեսնելով, որ ամենքը լուռ պատրաստվել են ունկնդրելու, մեղմ ու հաճելի ձայնով սկսեց իր պատմությունը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XXXIX== | ||
+ | |||
+ | Գերին զրուցում է իր կյանքի անցք ու դեպքերը | ||
+ | |||
+ | |||
+ | Ես ծնվել եմ Լեոնի լեռներում ընկած մի գյուղում։ Բնությունն ավելի բարեհաճ ու առատաձեռն է եղել մեր տոհմի նկատմամբ, քան բախտը։ Ասենք, աղքատ մի ժողովրդի մեջ իմ հայրը հարուստ մարդու համբավ էր հանել և, իրոք, հարուստ էլ կլիներ, եթե նա չունենար ավելի սեր մսխելու, քան կարողություն կուտակելու։ Առատաձեռնության և շռայլության այդ սովորությունը նա պահպանել էր երիտասարդ հասակից, երբ որ զինվոր էր։ Որովհետև ռազմական ծառայությունը մի դպրոց է, որտեղ խնայողը առատաձեռն է դառնում, իսկ առատաձեռնը՝ շռայլ, իսկ եթե զինվորների մեջ պատահում են ժլատներ, ապա որպես հրեշներ, շատ սակավ են հանդիպում։ Իմ հայրը առատաձեռնության սահմաններից անցնում էր և մոտենում շռայլներին, իսկ այդ հատկությունը ամուսնացած մարդու համար ձեռնտու չէ, որովհետև նա պիտի տա իր որդիներին իր անունն ու կարողությունը։ Մենք երեք եղբայր էինք, երեքս էլ արհեստ ընտրելու համար խորհելու հասակում։ Հայրս, տեսնելով, որ ինքն իր բնության դեմ անզոր է, վճռեց զրկել ինքն իրեն առատաձեռն ու շռայլ լինելու հնարավորություն տվող գործիք ու միջոցից, այն է՝ հրաժարվել կարողությունից, առանց որի Ալեքսանդր Մեծի ձեռքը պինդ կթվար։ Մի օր նա մեզ երեքիս էլ կանչեց իր սենյակն ու առանց օտար վկաների մեզ ասաց հետևյալը․ «Զավակներս, ձեզ ասած լինելու համար, թե ես ձեր լավն եմ ուզում, բավական է գիտենալ և ասել, որ դուք իմ զավակներն եք, և հասկանալու համար, որ ձեր վատն եմ ուզում, բավական է իմանալ, որ չեմ կարողանում ստիպել ինքս ինձ պահպանել ձեր կարողությունը։ Ուստի, որպեսզի դուք այսուհետև հավատացած լինեք, որ ես ձեզ սիրում եմ հարազատ հոր պես և ոչ թե կամենում կործանել խորթ հոր նման, ես ուզում եմ առաջարկել ձեզ մի ծրագիր, որ վաղուց հետև մտածել ու նախապատրաստել եմ հասուն խորհրդածությամբ։ Դուք հասել եք այն հասակին, երբ որ պետք է խորհել գործի մասին, առնվազն՝ արհեստի, որ հետագայում ձեզ պատիվ ու շահ կարողանար բերել։ Ես միտք եմ արել մեր կարողությունը չորս մասի բաժանել։ Երեքը կտամ ձեզ, ամեն մեկիդ՝ հավասար մաս, ինչպես վայել է, իսկ չորրորդը կպահեմ ինձ, որպեսզի ապրեմ և գոյություն պահպանեմ այնքան օր, որքան երկինքը հաճի ուղարկել ինձ։ Սակայն ես կկամենայի, որ ձեզնից յուրաքանչյուրը իրեն հասանելիք մասն ստանալուց հետո ընտրեր երեք ուղիներից մեկը, որ ես ձեզ մատնանիշ կանեմ։ Մեր Իսպանիայում, իմ կարծիքով, մի շատ ճիշտ առած կա, ինչպես, ասենք, բոլոր առածները, որովհետև նրանք հակիրճ ասվածքներ են՝ դուրս բերված երկարատև փորձից։ Ակնարկածս առածն ասում է․ «Եկեղեցի, ծով կամ արքունիք»։ Դա կնշանակի՝ ով որ կամենում է գործունյա և հարուստ մարդ դառնալ պետք է սպասավորի եկեղեցուն, կամ նավ նստի, որ առևտրով զբաղվի, կամ թե թագավորի պալատում ծառայության մտնի, որովհետև, ինչպես ասում են, թագավորի փշրանքն ավելի արժե, քան կալվածատիրոջ շնորհը։ Ասելս այն է, որ ես կկամենայի, դա է իմ կամքը, որպեսզի ձեզնից մեկը նվիրվի գիտության, մյուսը՝ առևտրին և երրորդը ծառայի թագավորի զորքի մեջ՝ նկատի առնելով, որ նրա պալատը մտնելը շատ դժվար է։ Թեև ռազմական գործը մեծ հարստություն չի բերում, սակայն առնվազն փառք ու պատիվ է տալիս։ Մի շաբաթից ձեզնից յուրաքանչյուրը կստանա իր մասը փողով, և մեկ գրոշ պակաս չի լինի։ Դե, հիմա ասացեք, պատրա՞ստ եք արդյոք հետևելու իմ կարծիքին ու խորհրդին, որ ես վերև հայտնեցի»։ Նա դիմեց ինձ՝ որպես ավագի։ Ես խնդրեցի, որ նա իր կարողությունը չբաժանի, այլ թողնի իր տրամադրության տակ։ Ցուցադրեցի, որ մենք արդեն վաստակելու հասակում ենք և ավելացրի, որ կհնազանդեմ նրա կարգադրության և կմտնեմ զորքի մեջ՝ ծառայելով միաժամանակ Աստծուն ու իմ թագավորին։ Երկրորդ եղբայրս նույն նկատողություններն արեց և ընտրեց կտրել֊անցնել Ամերիկա իրեն հասանելիք մասով։ Կրտսերը, որ, ըստ իս, ամենից իմաստունը եղավ, ասաց, որ կկամենար մտնել եկեղեցի կամ Սալամանկա գնալ՝ իր ուսումն ավարտելու համար։ | ||
+ | |||
+ | Մեր համաձայնության գալուց հետո հայրս մեզ գրկեց և նշանակած ժամկետին յուրաքանչյուրիս տվեց իր մասը փողով, որքան հիմա հիշում եմ, գումարը հասնում էր երեք հազար Դուկատի։ Հայրս մեր կալվածքը վաճառել էր մեր հորեղբորը, որը, չկամենալով, որ օտար ձեռք անցնի, անմիջապես վճարել էր նաղդ փողով։ Նույն օրը մենք, երեքս էլ, հրաժեշտ տվինք հորս։ Սակայն ճամփա ընկնելուց առաջ, որովհետև ինձ տմարդություն էր թվում լքել ծերացած հորը այնքան չնչին միջոցներով, ես ստիպեցի, որ նա ետ վերցնի երկու հազար դուկատ իմ երեք հազարից՝ կարծելով, որ մնացածը բավական կլինի ռազմական կարգ ու սարք ձեռք բերելու համար։ Իմ երկու եղբայրները, դրդված իմ օրինակից, տվին հորս հազարական դուկատ, այնպես որ նրա մոտ չորս հազար դուկատ մնաց, բացի այդ, երեք հազար արժողությամբ գույքը, որ նա չկամեցավ վաճառել։ Վերջապես մենք անջատվեցինք նրանից և հորեղբորիցս, որին ես արդեն հիշատակեցի։ Հրաժեշտը սրտաշարժ էր, շատ արցունք թափվեց, հայրս մեզնից խոսք վերցրեց, որ ամեն անգամ, երբ առիթ ներկայանա, մենք լուր տանք նրան մեր հաջողությունների և անհաջողությունների մասին։ Մենք խոստացանք, նա մեզ գրկեց և օրհնեց, ապա թե եղբայրներիցս մեկը ճամփա ընկավ Սալամանկա, մյուսը՝ Սևիլյա, իսկ ես՝ Ալիկանտե, որտեղ տեղեկացա, թե մի ջենովացի նավ, բրդով բեռնած, շուտով դուրս է գալիս Ջենովա։ | ||
+ | |||
+ | Ահա քսաներկու տարի է, ինչ ես լքել եմ հայրենական հարկս և ամբողջ այդ ժամանակի ընթացքում, թեև բազմաթիվ նամակներ եմ ուղարկել, ոչ մի անգամ լուր չեմ ունեցել ո՛չ հորիցս, ո՛չ եղբայրներիցս։ Հիմա պատմեմ կարճառոտ, թե այդ տարիների ընթացքում ինչեր են անցել գլխովս։ Ես նավ նստեցի և բարեհաջող կերպով հասա Ջենովա, որտեղից գնացի Միլան, ձեռք բերեցի զենք և այլ զինվորական պարագաներ և մտադիր էի մտնել Պիեմոնտեի բանակը, սակայն Ալեքսանդրիա դե լա Պալլայում լսեցի, որ հռչակավոր դուքս Ալբան մեկնում է Ֆլանդրիա։ Ես փոխեցի որոշումս, միացա նրան, նրա հետ կատարեցի ողջ այդ արշավանքը, ներկա եղա Էգմոն և Հոռն կոմսերի մահապատժին<ref>Նիդերլանդիայի անկախության համար իսպանական տիրապետության դեմ մարտնչող Էգմոնտ և Հոռն կոմսերը մահապատժի են ենթարկվել 1568 թվի հունիսի 5֊ին։</ref> և, գուադալախարացի երևելի կապիտան Դիեգո դե Ուռբինայի<ref>Այդ նույն կապիտանի հրամանատարության տակ է ծառայել Սերվանտեսը, երբ վիրավորվել է Լեպանտոյի մոտ մղված ճակատամարտում (1571 թ․ հոկտեմբերի 7֊ին)։</ref> հրամանատարության տակ հասա դրոշակակրի աստիճանի։ Ֆլանդրիա հասնելուցս մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ վեհափառ և երջանկահիշատակ Պիոս V պապը դաշն է կռել Վենետիկի և Իսպանիայի հետ ընդդեմ ընդհանուր թշնամու՝ տաճիկների, որոնք հենց այդ միջոցին նավատորմիղով գրավել էին երևելի կղզի Կիպրոսը, որ Վենետիկի իշխանության տակ էր գտնվում՝ ցավալի և դժբախտ կորուստ։ | ||
+ | |||
+ | Ստուգապես հայտնի եղավ, որ այդ դաշնակիցների հրամանատարը լինելու է մեր բարի արքա դոն Ֆիլիպի խորթ եղբայր Խուան Ավստրիացին, և որ պատերազմի համար մեծամեծ պատրաստություններ են տեսնում։ Այդ լուրերը հրահրեցին ինձ և բորբոքեցին հոգիս, որ մասնակցեմ առաջիկա արշավանքին։ Եվ, չնայած, որ ես հույս ունեի և անգամ խոստում, որ առաջին իսկ բարենպաստ դեպքում կապիտանի աստիճան կստանամ, այնուամենայնիվ, վճռեցի ամեն ինչ թողնել և գնալ Իտալիա։ Այդպես էլ արի։ Բարեբախտաբար, դոն Խուան Ավստրիացին այդ իսկ ժամանակ եկել էր Ջենովա և Նեապոլ գնալու վրա էր, որպեսզի այնտեղ միանա վենետիկցիների նավատորմիղին, մի բան, որ նա կատարեց հետագայում Մեսսինայում։ Այսպիսով, ես մասնակցեցի մի հռչակավոր և մեծ ճակատամարտի, արդեն կապիտանի աստիճանի հասած,<ref>Ինքնակենսագրական երկտող։</ref> շնորհիվ առավել բարեհաճ բախտի, քան իմ արժանիքների։ Այդ օրը՝ քրիստոնյաների համար այնքան նպաստավոր, խորտակվեց ողջ աշխարհի և բոլոր ազգերի այն սխալ համոզումը, թե տաճիկները ծովի վրա անհաղթելի են, այդ օրը, կրկնում եմ, երբ պախարակվեց օտտոմանյան ամբարտավանությունն ու գոռոզությունը, բազմաթիվ երջանիկների թվում (որովհետև քրիստոնյաները, որ ընկան այդ ճակատամարտում, պետք է կենդանի մնացածներից երջանիկ համարվեն) դժբախտը ես էի։ Փոխանակ ծովային պսակ ստանալու, ինչպես կլիներ հին հռովմայեցիների ժամանակ, այդ փառավոր օրվան հաջորդող գիշերը ես ձեռք ու ոտս շղթայակապ տեսա։ Այսպես պատահեց՝ Ալժիրի թագավոր Ուշալին՝ խիզախ ու հաջողակ մի ծովահեն, շրջապատեց և գրավեց Մալթայի կապիտանի նավը, որի վրա կենդանի մնացին երեք զինվոր, այն էլ՝ ծանր վիրավորված։ Օգնության հասավ Խուան Անդրեայի նավը, որի վրա էի ես իմ խմբի հետ։ Ինչպես հարկն է նման դեպքերում, ես թռա թշնամի նավի վրա, բայց այդ վայրկյանին նավերն իրարից բաժանվեցին, և իմ զինվորները չկարողացան հետևել ինձ, և ես մնացի մենակ թշնամիների միջև՝ ուժասպառ վերքերից և հարկադրված տեղի տալու գերազանց թվին։ Նրանք ինձ գերի առան։ Եվ, որովհետև Ուշալին, ինչպես դուք, երևի, գիտեք, լսել եք, հաջողեց իր ողջ նավատորմիղով փրկվել, նա ինձ հետը գերի վարեց։ Ես միակ տխուրն էի այնքան ուրախների մեջ, միակ գերին՝ այնքան ազատների մեջ։ Չէ՞ որ այդ օրը տասնհինգ հազար քրիստոնյա, որ թիապարտ էին, վերջապես բաղձալի ազատություն ստացան։ | ||
+ | |||
+ | Ինձ տարան Կոստանդնուպոլիս։ Սուլթան Սելիմը իմ տիրոջը նշանակեց ծովային գեներալ, որովհետև ճակատամարտում նա կատարել էր իր պարտականությունը և, իբրև ապացույց իր արիության, հետը բերել էր Մալթայի միաբանության դրոշակը։ Մի տարի անց, այսինքն՝ յոթանասուներկու թվին, թիավարելով եռալապտեր նավը,<ref>Երեք լապտեր նավի հետևի կողմում, ծառայում էին որպես ծովակալի նավի տարբերիչ նշան։</ref> ես գնացի Նավարինո։<ref>Սերվանտեսն էլ մասնակցել է այդ արշավանքին, ինչպես և հաջորդ՝ 1572 թվի արշավանքին։</ref> Ես իմ աչքովս տեսա, ինչպես մենք ձեռքից գցեցինք դեպքը՝ գրավելու նավահանգստում տաճկական ողջ նավատորմիղը, որովհետև լևանտեցիներն ու ենիչարները,<ref>Լևանտացիներ ― թուրքական բանակի ծովայիններ․ ենիչարիներ ― ցամաքային զորքեր։</ref> որ նավերի վրա էին, հաստատ հավատացած էին, որ հարձակումը տեղի պիտի ունենա նավահանգստում իսկ, և պահել էին ձեռներում իրենց շորերն ու ոտնամանները, որպեսզի կարողանան ափ իջնել ու փախչել, առանց կռվի սպասելու․ ահա՛ թե որքան մեծ էր նրանց եկյուղը մեր նավատորմիղից։ Սակայն երկինքն այլ կերպ էր տնօրինել, ոչ թե մեր նավատորմիղի հրամանատարի մեղքից կամ սխալանքից, այլ քրիստոնյաների մեղքերի համար և, որովհետև Աստված կամենում ու թույլատրում է, որ մեզ պատժելու համար դահիճները չպակասեն։ Իրավ, Ուշալին քաշվեց Մոդոն, Նավարինոյից ոչ հեռու գտնվող կղզի, որտեղ զորքերը ափ հանելով, նա նավահանգստի մուտքը ամրացրեց և ապահով մնաց, մինչև դոն Խուանի վերադարձը։ Այդ արշավանքի միջոցին մենք գրավեցինք Լա Պրեսա<ref>La presa ― «Ավար»։</ref> նավը, որի կապիտանը հռչակավոր ծովահեն Բարբարոխայի<ref>Բարբարոխա ― Barbaroja ― «Շեկ մորուք»։</ref> որդին էր։ Նապոլիի լա Լոբա<ref>Loba ― «էգ գայլ»։</ref> նավն էր, որ գերի վարեց նրան և որի հրամանատարն էր զինվորների հայր, հաջողակ և անհաղթ կապիտան Ալվարո դե Բասանը, դե Սանտա Կրուսի մարկիզը։<ref>Սերվանտեսն իր գերությունից վերադառնալուց հետո մասնակցել է Տերսեյրա կղզին պորտուգալացիներից վերցնելուն։</ref> Չեմ կարող չպատմել, թե ինչ պատահեց Լա Պրեսայի գրավման միջոցին։ Բարբարոխայի որդին խստասիրտ մարդ էր և վատ էր վարվում ստրուկների հետ, և ահա, երբ որ նրա թիավարողները տեսան, որ Լոբա նավը շեշտակի նրանց վրա է գալիս և շուտով վրա կհասնի, նրանք իսկույն թիերը թողին, բռնեցին կապիտանին, որ կանգնած նավի միջին ու վերջին կայմերի միջև, տախտակամածի վրա գոռում էր, որ նրանք ավելի ուժգին թիավարեն, և ձեռքե֊ձեռք նետելով նրան, մեկ նստարանից մյուսը, սկսելով նավի ետևի մասից մինչև քիթը, նրան ատամներով այնպես էին կրծոտել, որ նրան տախտակամածի բարձրությունից վայր բերելուց հետո նրա հոգին շատ շուտ արդեն սանդարամետք էր իջել, այդքան դաժան էր նրա վարմունքը և սաստիկ ատելությունը նրա դեմ։ | ||
+ | |||
+ | Մենք վերադարձանք Կոնստանդնուպոլիս։ Հետևյալ՝ 1573 թվին, հայտնի դարձավ, որ դոն Խուանը գրավել է Թունիսը՝ խլելով տաճիկներից և իշխանությունը հանձնելով Մուլեյ Համետին։ Դրանով նա Մուլեյ Համետին զրկեց իշխանությանը վերադառնալու հույսից, այդ ամենադժնի և խիզախ մավրին, որ երբևէ ապրել է աշխարհիս երեսին։ Սուլթանը շատ տխրել էր այդ կորուստի առիթով և խաբեությամբ, որ հատուկ է նրա ամբողջ ցեղին, նա վենետիկցիների հետ խաղաղություն կնքեց։ Վենետիկցիները կռվի վախճանին ավելի էին փափագում, քան թե ինքը և, հետևյալ՝ յոթանասունչորերորդ տարին նա պաշարեց Գոլետան և Թունիսից ոչ հեռու գտնվող ամրությունը, որ կիսով չափ կառուցել էր սինյոր դոն Խուանը։ Բոլոր այդ ռազմական գործողությունների ժամանակ ես թիավարում էի նավի վրա՝ կորցրած ազատվելու որևէ հույս։ Համենայն դեպս՝ փրկանքի հույս չունեի, որովհետև որոշել էի իմ դժբախտության մասին հորս ոչինչ չգրել։ | ||
+ | |||
+ | Վերջ ի վերջո Գոլետան ու ամրությունը գրավվեցին։ Այդ երկու ռազմաճակատներում նրանք յոթանասունհինգ հազար վարձկան տաճկական զորք էին հանել և բովանդակ Աֆրիկայից՝ ավելի քան չորս հարյուր հազար արաբ ու մավր, իսկ այս բազմաթիվ բանակի ետևում այնքան սայլ կար, ռազմամթերք ու ռազմական ճարտարապետ, որ եթե յուրաքանչյուր զինվոր մի բուռ հող գցելու լիներ, ապա Գոլետան էլ, ամրությունն էլ, կծածկվեին հողի տակ։ Նախ անձնատուր եղավ Գոլետան, որ մինչ այդ անառիկ էր համարվում, այն էլ ոչ թե պաշտպանվողների մեղքով, որովհետև վերջիններս արել էին պաշտպանության համար այն ամենը, որ կարող էին և պարտավոր, այլ որովհետև փորձը ցույց տվեց, որ այդ անապատի ավազում շատ հեշտ էր խրամատներ փորելը։ Սովորաբար երկու ոտնաչափ խորը ջուր է դուրս գալիս, իսկ տաճիկները մեկուկես ոտնաչափից խորը չէին փորում։ Նրանք, պարկերը ավազով լցնելով, այնքան բարձր պատնեշ էին շինել, որ իշխում էին ամրոցի պատերի վրա, իսկ պաշարվածները չէին կարողանում պաշտպանվել կամ խանգարել թշնամիներին բարձրությունից հրացան արձակել։ | ||
+ | |||
+ | Ընդհանուր կարծիք էր տիրում, որ մերոնք չպիտի փակվեին ամրոցում, այլ, ընդհակառակը, պիտի սպասեին արձակ դաշտում թշնամուն ափ իջեցնելուց խանգարելու համար։ Սակայն այդպես ասողները հեռվանց հեռու էին դատում և նման գործերում բավականին փորձառու չէին։ Գոլետայում և ամրոցում հազիվ յոթ հազար զինվոր կար․ ինչպե՞ս կարող էր այդքան սակավաթիվ մի խումբ, որքան էլ արի լիներ, դուրս գալ դաշտ և պաշտպանել ամրոցը թշնամու նման գերազանց ուժերի դեմ։ Եվ, ընդհանրապես, կարո՞ղ է արդյոք ամրոցը դիմանալ առանց դրսի օգնության, երբ որ բազմաթիվ, գազազած, իր սեփական հողի վրա գործող մի զորք է պաշարում։ Գալով ինձ և շատ ուրիշներին՝ թվում էր, թե ոչնչացումը չարի այդ օջախների, որ սպունգի պես ծծում և ցեցի պես ուտում են բազում միջոցներ, որ աննպատակ ծախսվում են, ― երկնքի մի առանձին շնորհ է և ողորմածություն Իսպանիայի նկատմամբ։ Որովհետև նրանք մեզ ոչ մի օգուտ չէին բերում, եթե հաշվելու չլինենք, որ պահպանում էին անհաղթ թագավոր Կառլոս Հինգերորդի նվաճման հիշատակը։ Սակայն առանց այդ քարերի էլ նրա հիշատակը հավերժական չէ՞ և չի՞ լինելու։ Ապա անձնատուր եղավ ամրությունը։ Բայց տաճիկները ստիպված էին գրավելու թիզ թիզի ետևից, որովհետև պաշտպանները այնպիսի արիությամբ ու կարողությամբ էին կռվում, որ քսաներկու գրոհների ընթացքում թշնամին քսանհինգ հազար սպանված կորցրեց։ Կենդանի մնացած երեք հարյուր մարդուց և ոչ մեկը առանց վերքի գերի չընկավ՝ ստույգ ու ակներև ապացույց նրանց արիության և խիզախության՝ նրանք բոլորն էլ քաջ պաշտպանվում էին և մինչև վերջը մնացին իրենց տեղերում։ Վերջապես ընկավ նաև փորքրիկ ամրությունը, ավելի ճիշտ՝ աշտարակը, որ լճի մեջտեղում էր կանգնած և գտնվում էր վալենսիացի կաբալյերո և փառավոր ռազմիկ դոն Խուան Սանո Դերայի հրամանատարության տակ։ Գերի ընկավ դոն Պեդրո Պուերտոկարրերոն, Գոլենայի պարետը։ Նա ամրոցի պաշտպանության համար արեց ամենը, ինչ որ ի վիճակի էր և այնքան էր տխրել հանձնումի պատճառով և դարդամահ եղավ Կոստանդնուպոլիսի ճամփին, որտեղ նրան տանում էին իբրև գերի։ Նմանապես գերի ընկավ ամրության պարետը, Գաբբիո Սերվելլոն անունով միլանցի մի ազնվական ճարտար ճարտարապետ և արի ռազմիկ։ Այդ երկու ամրոցներում շատ ականավոր մարդիկ կործանվեցին, ի թիվս որոնց ոմն Պագան դե Օրիա, Սան֊Խուանի ուխտի ասպետ, ազնիվ հոգու տեր մի մարդ, որ ապացուցեց այդ իր վեհանձն վերաբերմունքով դեպի իր եղբայր հռչակավոր Խուան Անդրեա դե Օրիան։ Նրա մահը առավել ևս ցավագին էր, որ նա ընկավ արաբների ձեռքից, որոնց վրա վստահացել էր, համոզվելով, որ կորած է վերջին հույսը ամրությունը փրկելու։ Նրանք առաջարկել էին տանել նրան, շորերը փոխած, մավրերի զգեստով, Տաբարկա, փոքրիկ մի նավահանգիստ, կամ ավելի ճիշտ՝ ծովափնյա մի ավան, որ պատկանում էր ջինովացիներին, որոնք այնտեղ մարջան հանելով են զբաղվում, ապա թե կտրեցին նրա գլուխը և տարան տաճիկ նավատորմիղի հրամանատարին։ Վերջինս նրանց հետ վարվեց ըստ մեր իսպանական առածի՝ «դավաճանությունը ձեռնտու է մեզ, բայց դավաճանը՝ ատելի»։ Ասում են, թե հրամանատարը իբրև պարգև իրեն բերածների համար հրամայեց նրանց կախել, որ թշնամուն կենդանի չեն բերել։ | ||
+ | |||
+ | Ամրոցում գերված քրիստոնյաների մեջ կար ոմն Պեդրո դե Ադիլար, ծնված Անդալուզիայի չգիտեմ թե ինչ վայրում, որը ամրոցում դրոշակակիր էր, համարվում էր երևելի ռազմիկ և հազվագյուտ խելքի տեր մարդ։ Նա պոեզիա կոչվող արվեստի մեջ առանձին շնորհք ուներ։ Ես նրա համար եմ այդ պատմում, որ բախտը մեզ միացրեց միևնույն նավում և միևնույն նստարանի վրա, որովհետև նա էլ իմ տիրոջ ստրուկը դառավ։ Այդ նավահանգիստը թողնելուց առաջ նա տապանագրի նման երկու սոնետ հորինեց, մեկը՝ նվիրված Գոլետային, մյուսը՝ ամրոցին։ Ես ուզում եմ արտասանած լինել ձեզ, որովհետև անգիր եմ հիշում և կարծում եմ, որ ավելի հաճելի կլինեն ձեզ, քան անհաճո։ | ||
+ | |||
+ | Երբ որ գերին դոն Պեդրո դե Ագիլարի անունը տվեց, դոն Ֆերնանդոն նայեց իր ուղեկիցներին, նրանք բոլորն իրար ժպտացին, և այն վայրկյանին, երբ պատմողը ոտանավորներն ասելու վրա էր, կաբալյերոներից մեկն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նախքան ձերդ ողորմածությունը շարունակի, աղաչում եմ, ասացեք ինձ, թե ինչ պատահեց այդ դոն Պեդրո դե Ագիլարին, որին դուք հիշատակեցիք։ | ||
+ | |||
+ | ― Ահա թե ինչ գիտեմ ես նրա մասին, ― պատասխանեց գերին։ ― Երկու տարի Կոստանդնուպոլսում մնալուց հետո նա փախավ առնաուտի շոր հագած, մի հույն լրտեսի հետ, բայց ինձ անհայտ է, ազատվե՞ց, թե՞ չէ, թեև կարծում եմ, որ այո։ Մի տարի անց ես պատահեցի այդ հույնին Կոստանդնուպոլսում, բայց ինձ չհաջողվեց հարց ու փորձ անել նրան, թե փախուստն ինչով վերջացավ։ | ||
+ | |||
+ | ― Նա ազատ է, ― պատասխանեց կաբալյերոն։ ― Այդ դոն Պեդրոն իմ հարազատ եղբայրն է և ներկայիս ապրում է իր ծննդավայրում, հարուստ և առողջ։ Նա ամուսնացած է և երեք զավակ ունի։ | ||
+ | |||
+ | ― Փառք Աստծուն, ― ասաց գերին, ― աշխարհի երեսին չկա գերագույն երջանկություն, քան ետ բերել կորցրած ազատությունը։ | ||
+ | |||
+ | ― Ավելին՝ ես գիտեմ եղբորս հորինած սոնետները։ | ||
+ | |||
+ | ― Դե թող ձերդ ողորմածությունն արտասանի, ― խնդրեց գերին։ ― Դուք ինձնից լավ կոգեք։ | ||
+ | |||
+ | ― Սիրով, ― պատասխանեց կաբալյերոն։ ― Ահա Գոլետային նվիրված սոնետը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XL== | ||
+ | |||
+ | Գերու պատմության շարունակությունը | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Սուրբ ոգիներ, որ է մարմնից ունայն, | ||
+ | Հրաժարեցված արդար գործի համար, | ||
+ | Հեռու Սահմանեզրից վեր բարձրացան՝ | ||
+ | Դեպի երանավետ լույսը պայծառ։ | ||
+ | |||
+ | Դուք, որ բարի խանդով մի սրբազան | ||
+ | Մրցեցիք մարմնի հետ զայրութավառ, | ||
+ | Ձեր արյունը ընդդեմ ոսոխ արյան՝ | ||
+ | Թշնամյաց հասցըրեց մինչև ծովն հողմավար։ | ||
+ | |||
+ | Կյանքը, և ո՛չ սակայն քաջությունը | ||
+ | Գոռ մարտիկի ձեռքը դավաճանեց, | ||
+ | Որ պարտությամբ շահեց հաղթությունը։ | ||
+ | |||
+ | Եվ այդ գերեզմանը ձեր վշտահեծ | ||
+ | Պսակել է ձեզ փառքով, ամվամբ, ― | ||
+ | Երկրի և երկընքի անմահությամբ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | ― Սա հենց իմ իմացածս է, ― ասաց գերին։ | ||
+ | |||
+ | ― Եթե հիշողությունս չի դավաճանում, ահա՛ ռազմաճակատին նվիրված սոնետը։ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Այս ավեր երկրի աշտարակներից, | ||
+ | Փլված կրակի, ծխի մեջ՝ ավեր, | ||
+ | Երեք հազար քաջ ամբարձան ի վեր, ― | ||
+ | Դեպի դրախտի օթևանն անբիծ։ | ||
+ | |||
+ | Իզուր է լարում նրանց ետևից | ||
+ | Հզորությունը համարձակ ձեռքեր, | ||
+ | Մինչ նրանք հոգնած դժնի մարտերից՝ | ||
+ | Երկաթված կյանքով ― հանգեցին ի տեր։ | ||
+ | |||
+ | Քիչ չէ ճաշակել հողը հնացած | ||
+ | Քիչ չէ ճաշակել ժամանակը արդ | ||
+ | Հիշողություններ ― տրտմությամբ պատած։ | ||
+ | |||
+ | Բայց արդարության ձեռքը դեռ ժլատ | ||
+ | Այդչափ չընկճված մարմին և հոգի | ||
+ | Դեռ չի ուղարկել գիրկը երկընքի․․․ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Սոնետները դուր եկան, իսկ գերին, ուրախանալով իր ընկերոջ մասին ստացած լուրից, շարունակեց իր պատմությունը։ | ||
+ | |||
+ | ― Գրավելով Գոլետան ու ամրությունը, տաճիկները հրաման արձակեցին Գոլեան քանդել։ Գալով ամրությանը՝ նա այնպիսի վիճակի մեջ էր, որ քանդելու տեղ էլ չէր մնացել։ Եվ ահա՝ այդ աշխատանքը դյուրացնելու և արագացնելու համար, նրանք Գոլետայի տակը երեք կողմից ական դրին, սակայն նրանց չհաջողվեց քանդել այն, ինչ որ թվում էր ամենից քիչ ամուրը՝ հին պատերը։ Ֆրատինոյի<ref>Ֆրատինո ― իտալական ինժեներ Ջա՛կոմո Գալեացցո, որին Ֆրատինո (կուսակրոն) անունն են տվել, ծառայել է Կառլոս V֊ին և Փիլիպոս II֊ին։</ref> կառուցած նոր ամրություններից ինչ որ մնացել էր՝ իսկույն հօդս ցնդեց։ Վերջապես նավատորմիղը վերադարձավ Կոստանդնուպոլիս հաղթական ու հանդիսավոր կերպով, իսկ դրանից մի քանի ամիս հետո մեռավ իմ տեր Ուշալին, որի մականունը Ֆարտաքս էր, որ տաճկերեն կնշանակի՝ Քոսոտ հավատափոխ։ Իրոք, նա հենց այդ տեսակ մեկն էր։ Տաճիկների սովորությունն է մարդկանց մականուն տալ՝ քաղելով այն կամ նրա որևէ պակասությունից, կամ առաքինությունից։ Դա նրանից է, որ նրանք միմիայն չորս ազգանուն ունեն, որ ծագում են օտտոմանյան հարստությունից, իսկ բոլոր մնացածները ինչպես ես արդեն ասացի, կա՛մ ըստ մարմնական պակասության, կա՛մ ըստ հոգեկան հատկության։ Այդ Քոսոտը, մեծն սուլթանի ստրուկը լինելով, ամբողջ տասնչորս տարի թիավարելիս է եղել, և երբ որ նրա երեսունչորս տարին լրացել է, ուրացել է իր հավատը՝ դրդված ատելությունից մի տաճիկի դեմ, որ նրան նավի վրա ապտակ է տված եղել և ցանկությունից՝ նրանից վրեժ լուծել։ Եվ նրա արժանիքներն այնքան մեծ էին, որ նա ստիպված չեղավ անցնելու խայտառակ ուղիներով ու շավիղներով, որոնցով սովորաբար բարձրանում են սուլթանի ֆավորիտները, և նա շուտով Ալժիրի թագավոր նշանակվեց, ապա թե Ծովային Հրամանատար՝ տաճկական պետության մեջ, ըստ կարևորության, երրորդ պաշտոնը։ Նա ծնված է եղել Կալաբրիայում, բարի հոգու տեր էր և շատ մարդավարի վերաբերմունք ուներ դեպի իր ստրուկները։ Իսկ նրա ստրուկների թիվը հասնում էր երեք հազարի և, նրա մահից հետո, համաձայն նրա թողած կտակի, նրանց բաժանեցին մեծն սուլթանի (որ համարվում է իր յուրաքանչյուր հպատակի ժառանգը և ննջեցյալի որդիների հետ հավասար բաժին է ստանում) և նրա հավատափոխների միջև։ Ես բաժին ընկա մի վենետիկցի հավատափոխի, որ նախապես նավի վրա փոքրիկ ծառա էր եղել։ Գերի վարված լինելով Ուշալիից՝ նա այնպես գրավեց տիրոջ համակրությունը, որ շուտով դառավ նրա սիրեցյալներից մեկը, ապա թե հավատափոխ եղավ, այն էլ այնքան մոլեռանդ, որ դեռ աշխահս չէր տեսել։ Նրա անունը Հասան աղա էր։ Նա սաստիկ հարստացավ և նշանակվեց Ալժիրի թագավոր։ Նրա հետ էլ ես Կոստանդնուպոլսից այնտեղ գնացի, ուրախանալով, որ ավելի մոտ եմ լինելու Իսպանիային, ― ո՛չ թե նրա համար, որ միտք ունեի մեկն ու մեկին գրելու իմ աղետի մասին, ― ո՛չ, այլ ես հույս ունեի, որ Ալժիրում բախտն ավելի բարեհաճ կլինի դեպի ինձ։ Կոստանդնուպոլսում ես հազար ու մի հնարքով փորձեցի փախչել, սակայն ոչ մի անգամ բախտս չբերեց, որ հարմար դեպք գտնեմ։ Իսկ Ալժիրում ես հույս ունեի այլ եղանակներ գտնել և հասնել երազածիս, որովհետև ազատվելու հույսը ինձ երբեք չէր լքում և, երբ որ իմ խորհածի, նախապատրաստածի և կատար ածածի հաջողությունը չէր համապատասխանում մտադրությանս, ես չէի ընկճվում, իսկույն ևեթ խորհում ու գտնում էի նոր հույս, անգամ թույլ ու թշվառ, որ սակայն ինձ թև էր տալիս։ Ահա թե ինչ խոհերով էի սնում հոգիս՝ նստած բանտում, կամ, ինչպես ասում են տաճիկները, բանյոյում,<ref>Բանյո ― արաբական բառ, որ նշանակում է «բանտ֊պատժավայր» (այստեղից էլ ֆրանսերեն bagne ― «տաժանակիր աշխատանքի վայր»։</ref> որտեղ տեղակել էին քրիստոնյա գերիներին, ինչպես թագավորի և մի քանի մասնավոր անձանց, այնպես էլ ալմասեն<ref>Ալմասեն ― արաբական բառ, որ նշանակում է «պահեստ, խանութ»։</ref> կոչեցյալի, այլապես՝ քաղաքային խորհուրդի ստրուկները, որոնց աշխատեցնում են շինարարությունների և քաղաքային այլ գործերի վրա։ Այս վերջինների համար առանձնապես դժվար է ազատվել, որովհետև մասնավոր մարդու չեն պատկանում, այլ համայնքին, ուստի, եթե նրանք անգամ փրկանք գտնելու լինեն, չկա մեկը, որին առաջարկեն։ Այս բանտերում, ինչպես ես արդեն ասացի, քաղաքի մի քանի մասնավոր անձինք նույնպես պահում են իրենց ստուկներին, մանավանդ, եթե նրանցից փրկանք եմ ակնկալում։ Ստրուկներն ապրում են լավ պայմաններում և վստահելի հսկողության տակ, մինչև որ փրկանքը գա։ Թագավորի ստրուկներն էլ, որոնց համար փրկանք է սպասվում, աշխատանքի են ուղարկվում մնացյալ խմբի հետ այն դեպքում միայն, եթե փրկանքն ուշանում է և, նրանց հարկադրելու համար, որ ավելի համառ աշխատեն փրկանքը ստանալ, նրանց քշում են աշխատանքի, նույնիսկ փայտ կտրելու անտառում, իսկ դա թեթև աշխատանք չէ։ | ||
+ | |||
+ | Ես էլ նրանց թվում էի, որոնց համար փրկանք էին սպասում, որովհետև թեպետ ես հայտարարել էի, թե ոչ մի կարողություն չունեմ, մավրերը, իմանալով, որ կապիտան եմ, ինձ չհավատացին և ազնվականների խմբին կցեցին և այն ստրուկների, որոնց համար փրկանք էին ակնկալում։ Շղթաները, որոնցով կաշկանդել էին ինձ, ոչ այնքան իմ ստրկության նշանն էր, որքան սպասվող փրկանքի։ Եվ այսպես ահա անցնում էին մեր օրերը՝ բանյոյի մեջ, ազնվականների և բազմաթիվ նշանավոր մարդկանց շրջանում, որոնց համար փրկանք էր սպասվում։ Հաճախ, ավելի ճիշտ՝ միշտ, մենք տառապում էինք սով ու զրկանքից, սակայն ոչինչ մեզ այնքան չէր տանջում, ինչպես մեր տիրոջ չտեսնված և չլսված խստասրտությունը քրիստոնյաների նկատմամբ՝ այդ մենք տեսնում էինք և ամեն քայլափոխում լսում դրա մասին։ Ամեն օր նա մեկին կախում էր, մյուսին ցից էր հանում, երրորդի ականջը կտրում, այն էլ ամենաաննշան պատճառից կամ առանց որևէ առիթի, այնպես որ տաճիկները իրենք էլ էին հասկանում, որ նա սեփական հաճույքի համար է այդպես վարվում, որովհետև բնությունը նրան ստեղծել է իբրև ճիվաղ մարդկային ցեղի։ Նա լավ էր վարվում միայն մի իսպանացի զինվորի հետ՝ անունը Սաավեդրա, որը ազատություն ձեռք բերելու համար այնպիսի բաներ էր անում, որ տաճիկները երկար ժամանակ չեն մոռանա։ Այնուամենայնիվ, Հասան աղան նրան ոչ մի անգամ չխփեց, ոչ մի անգամ չհրամայեց, որ նրան ծեծեն և երբեք նրան վատ խոսք չասաց, մինչդեռ մենք բոլորս ահ ու դողով խորհում էինք, որ նրան իր արարքների ամենաչնչին մասի համար ցից կհանեն, ասենք՝ ինքն էլ քանիցս երկյուղ էր կրում։ Եթե ժամանակն ինձ ների, ես ձեզ այդ զինվորի մի քանի սխրագոծությունները կպատմեի և ես հավատացած եմ, որ դուք ավելի կզարմանայիք ու կհետաքրքրվեիք, քան իմ պատմությամբ։ | ||
+ | |||
+ | Վերադառնամ, սակայն, իմ պատմությանը։ Մի հարոուստ ու ազնվական մավրի տան լուսամուտները նայում էին մեր բակին։ Տեղական սովորության համեմատ նրանք ավելի ճեղքերի էին նմանում, քան լուսամուտների, համ էլ ծածկված էին եղեգնյա վարագույրներով։ Մի օր ես երեք ընկերներիս հետ կանգնած էի բանտի կտեր վրա և պարապությունից շղթայակապ ոտներով թռչկոտելու փորձ էինք անում։ Բացի մեզնից այնտեղ մարդ չկար, որովհետև մնացածները գնացել էին աշխատաքնի։ Հանկարծ աչքս բարձրացնելով նկատեցի, որ այդ ծածկած լուսամուտներից մի եղեգ է քաշ ընկել, ծայրին էլ թաշկինակ կապած։ Եղեգը շարժվում ու ոլորվում էր, ասես նշան էր անում, որ բռնեն։ Նայեցինք֊նայեցինք, վերջապես մեզնից մեկը գնաց լուսամուտի տակին կանգնեց, տեսնի՝ կգցեն այդ եղեգը թե չէ և ընդհանրապես, ինչ կլինի դրա վերջը։ Սակայն հազիվ էր հեռացել իր տեղից, որ եղեգը բռնող ձեռքը բարձրացրեց նրան և սկսեց թափահարել աջ ու ձախ, ասես թե գլուխն էր օրորում, կամենալով ասել՝ ո՛չ։ Երբ որ մեր ընկերը բոլորովին հեռացավ, եղեգը կրկին իջավ և սկսեց օրորվել առաջվա պես։ Գնաց երկրորդ ընկերս, նրա հետ ևս պատահեց նույնը, ինչ որ առաջինի հետ։ Վերջապես գնաց երրորդը ― նրա հետ էլ կրկրնվեց նույնը, ինչ որ առաջին երկուսի հետ։ Տեսնելով այդ՝ ես էլ կամեցա փորձել բախտս, և հենց որ կանգնեցի լուսամուտի տակին, եղեգը վայր ընկավ բանտի բակը, ուղղակի իմ ոտների մոտ։ Ես իսկույն բաց արի թաշկինակը։ Թաշկինակի մեկ ծայրը կշկռած էր։ Բաց արի, տեսնեմ՝ տասը սիանի՝ մանր ոսկեդրամ, ոսկու սակավ խառնուրդով, որ շրջանառության մեջ էր մավրերի մոտ և որ արժե տասը ռեալ։ Թե ինչքան ուրախացա գյուտիս համար՝ ասելն ավելորդ է։ Ուրախ ու զարմացած միտք էի անում՝ որտեղի՞ց կարող էր մեր գլխին նման նվեր ընկնել, այն էլ հատկապես ինձ համար, որովհետև քանի որ եղեգը ուրիշներին չէր գցված, այլ լոկ ինձ, պարզ ապացուցում էր, որ նկատի ունեին ոչ այլ ոքի, այլ ինձ։ Ես փողս թաքցրի, եղեգը կոտրեցի, վերադարձա կտուրը, նայեցի լուսամուտին և տեսա, որ մի ձյունթույր ձեռք երևաց, որ արագ մի քիչ բաց արեց վարագույրը և նորից ծածկեց։ Դրանից մենք հասկացանք ու ըմբռնեցինք, որ այդ բարեգործությունը մեզ կին է արել, որ ապրում է այդ տանը և մեր շնորհակալությունը հայտնած լինելու համար մենք նրան սալամ տվինք մավրերի ձևով, այսինքն՝ խոնարհեցինք գլուխներս, մեջքներս ծռեցինք և ձեռներս ծալեցինք կրծքերիս։ Պահ մի անց լուսամուտից մի եղեգնյա խաչ հոնեցին և իսկույն ներս առան։ Այդ նշանը մեզ ներշնչեց այն միտքը, թե այս տանը մի գերի քրիստոնյա կին է ապրում և նա է մեզ օգնություն հասցնում։ Սակայն շուտով մենք այդ ենթադրությունից հրաժարվեցինք, նկատելով, որ ձեռքը շա՜տ է ճերմակ և վրան շատ ապարանջաններ կան։ Ուստի մենք վճռեցինք, որ այդ կինը թեև քրիստոնյա է, բայց հավատափոխ է։ Մավրերը, այդ տեսակ կանանց տերերը, հաճախ առնում են նրանց ի կնության, այն էլ բախտ են համարում, որովհետև նրանց շա՜տ ավելի են գնահատում, քան թե իրենց ժողովրդի կանանց։ | ||
+ | |||
+ | Մեր բոլոր ենթադրությունները շատ հեռու էին ճշմարտությունից։ Այդ օրվանից մեր բան ու գործը լուսամուտին նայելն էր, ինչպես նավի ղեկավարն է հյուսիս նայում և սպասում էինք, թե ե՞րբ կերևա մեզ ուղեցույց աստղ եղեգնը։ Սակայն անցավ երկու շաբաթ, և մենք այդ ընթացքում ո՛չ եղեգ տեսանք, ո՛չ ձեռք, ո՛չ էլ որևէ այլ նշան։ Եվ թեև մենք սաստիկ ուզում էինք իմանալ, թե ով է ապրում այդ տանը և չկա՞ արդյոք նրա մեջ հավատափոխ քրիստոնյա կին ― ոչ ոք բան չկարողացավ ասել մեզ։ Հայտնի էր միայն, որ այնտեղ մի շատ հարուստ և բարձրաստիճան մավր է ապրում, Հաջի Մորատո անունով, որ մի ժամանակ լա Պատայի<ref>Լա Պատա կամ Լա Բատա ― բերդ՝ ընկնում է Օրանից երկու մղոն հեռավորության վրա։</ref> նահանգապետն էր եղել ― մի պաշտոն, որ մավրերը համարում են ամենապատվավորներից մեկը։ Եվ ահա, երբ որ մենք ամենից քիչ էինք սպասում, որ մեր վրա ոսկիների նոր անձրև կտեղա, հանկարծ նորից երևաց թաշկինակը ծայրից կապած եղեգը։ Թաշկինակի մի ծայրի վրա ավելի հաստ մի կշկիռ կար, քան առաջին անգամ։ Այդ պատահեց դարձյալ այն ժամին, երբ որ բանտում մեզնից բացի մարդ չկար։ Մենք կատարեցինք նույն փորձը, ինչ որ առաջ։ Առաջ, հերթով մոտեցան իմ երեք ընկերները, բայց եղեգը դարձյալ խուսափեց նրանցից և վայր ընկավ այն ժամանակ միայն, երբ որ ես մոտեցա։ Ես արձակեցի կշկիռն ու մեջը գտա քառասուն իսպանական ոսկի և մի արաբերեն գրած նամակ։ Նամակի վերջում մի մեծ խաչ էր գծած։ Ես համբուրեցի խաչը, թաքցրի ոսկիները, վերադարձա կտուրը, մենք դարձյալ սալամ տվինք, դարձյալ երևաց ձեռքը, ես նշան արի, թե նամակը մոտս է, և լուսամուտը փակվեց։ Մենք այդ անցքից զարմացած և ուրախացած էինք։ Մեզնից ոչ ոք արաբերեն չէր հասկանում, և մենք բոլորս սաստիկ փափագում էինք իմանալ, թե ինչ կա նամակում, սակայն գտնել մեկին, որ կարդար մեզ համար, շատ դժվար էր։ Վերջապես ես վճռեցի վստահել մի դավանափոխ՝ ծնված Մուրսիայում, որ հավատացնում էր, թե բարեկամ է ինձ և կապված ինձ հետ այնպիսի պարտավորություններով, որ չէր կարող, ինչպես թվում էր ինձ, չպահել նրան վստահված գաղտնիքը։ Բանն այն է, որ դավանափոխներից շատերը, մտադիր լինելով քրիստոնեական երկրներ վերադառնալու, վկայաթուղթ են վերցնում, ամենաականավոր գերիներց, որոնցով հաստատվում է, թե այսինչ դավանափոխը ազնիվ մարդ է, թե նա միշտ լավ է վերաբերվել դեպի քրիստոնյաները և մտադիր է առաջին իսկ պատեհ առիթին փախչելու։ Ոմանք այդ վկայականները բարի միտումներով են հանում, մյուսները՝ խորամանկությամբ և համենայն դեպս։ Պատահում է, որ քրիստոնեական երկիրներ թալանելիս նրանք շեղվում են ճամփից և գերի ընկնում և ահա, ներկայացնելով այդ թուղթը, նրանք ասում են, թե այդ փաստաթղթերից երևում է, թե ինչ նպատակներով են նրանք եկել, թե նրանք մտադիր են քրիստոնյաների մոտ մնալու և միմիայն այդ նպատակով են մասնակցել տաճիկների արշավանքին։ Այդ միջոցով նրանք զգուշանում էին առաջին հանդիպումի վտանգից, բարեհաջող կերպով հաշտվում եկեղեցու հետ, ապա թե, նպաստավոր դեպքում, նրանք վերադառնում էին Բերբերիա և շարունակում զբաղվել նրանով, ինչով որ առաջ։ Կան և այնպիսիները, որոնք այդ թղթերը հանում են և օգտագործում գովելի նպատակով՝ մնում են քրիստոնեական երկրներում։ Վերջիններիցն էր նաև իմ բարեկամը, և նա ուներ գրություններ գրեթե բոլոր մեր ընկերներից, լավագույն հանձնարարականներ։ Եթե մավրերը գտնելու լինեին այդ թղթերը՝ նրան ողջ֊ողջ կայրեին։ Ես գիտեի, որ նա շատ լավ տիրապետում է արաբերեն լեզվին և ոչ միայն խոսում է, այլև գրում արաբերեն։ Այնուամենայնիվ, նախքան նրան ամեն բան բաց անելը, ես պարզապես խնդրեցի նրանից, որ նա կարդա ինձ համար մի նամակ, որ ես, իբր թե, գտել եմ իմ խղճուկ սենյակի անկյունում։ Նա բաց արեց և բավական երկար զննում ու գիր էր կապում, ատամների արանքից ինչ֊որ մրթմրթալով։ Ես հարցրի՝ հասկանո՞ւմ է նա արդյոք, թե ինչ է գրած։ Նա պատասխանեց, թե շատ լավ հասկանում է և, եթե ես կամենամ, կթարգմանի բառ առ բառ, միայն թե ես պետք է բերեմ գրիչ ու թանաք, որովհետև գրավոր ավելի լավ կթարգմանի։ Մենք անհապաղ նրան տվինք և նա սկսեց թարգմանել և, ավարտելով գործն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ահա արաբերեն գրածի բառացի թարգմանությունը իսպաներեն։ Նկատի առեք, որ «Լելա Մարիեն» ասածդ ամենուրեք նշանակում է՝ «տիրուհին մեր կույսն Մարիամ»։ | ||
+ | |||
+ | ― Ահա նամակի բովանդակությունը․ | ||
+ | |||
+ | |||
+ | <i>«Երբ որ ես մանուկ էի, իմ հայրը մի ստրկուհի ուներ, որ ինձ մեր լեզվով մի քանի քրիստոնեական զալա՛<ref>Զալա՛ ― արաբերեն նշանակում է «աղոթք»։</ref> սովորեցրեց և շատ բաներ պատմեց Լելա Մարիենից։ Այդ քրիստոնյա կինը մեռավ, և ես գիտեմ, որ նա գեհենի կրակը չգնաց, այլ Ալլահի մոտ, որովհետև հետագայում ես նրան երկու անգամ տեսա և նա ինձ հրամայեց, որ ես գնամ քրիստոնյաների երկիրը՝ Լելա Մարինեին տեսնելու համար, որը ինձ շատ սիրում է։ Ես չգիտեմ, թե ինչպես հասնեմ նրանց երկիրը։ Իմ լուսամուտից ես շատ քրիստոնյաներ եմ տեսել, բայց դու միակն ես, որ իմ աչքին արժանավոր ազնվական է երևում։ Ես աղջիկ եմ, շատ գեղեցիկ եմ և կարող եմ հետս շատ փող վերցնել։ Մտածի՛ր, չե՞ս կարող դու արդյոք այնպես սարքել, որ հետս գնաս, և այնտեղ, եթե կամենաս, դու իմ ամուսինը կդառնաս, իսկ եթե ոչ՝ փույթ չէ, Լելա Մաիրենը ինձ համար մի ուրիշ փեսացու կգտնի։ Ես այս գրեցի, իսկ դու կարդալ տուր միմիայն վստահելի մարդու և հավատ մի՛ ընծայիր մավրերին, որովհետև նրանք բոլորն էլ խաբեբա են։ Ես շատ անհանգիստ եմ և կկամենայի, որ դու ոչ ոքի չբացվես, որովհետև եթե իմ հայրն այդ իմանա, ինձ կգցի ջրհորի մեջ և վրաս քար կլցնի։ Ես եղեգի ծայրին թել կկապեմ, պատասխանը կապիր թելից, իսկ եթե արաբերեն գրելու համար մարդ չունենաս, ապա նշաններով հասկացրու ինձ՝ Լելա Մարիենը կօգնի, որ քեզ հասկանամ։ Թող նա և ալլահը և այս խաչը, որ ես շատ֊շատ համբուրում եմ, ինչպես ինձ խրատել է ստրկուհին, պահեն և պահպանեն քեզ»։</i> | ||
+ | |||
+ | |||
+ | Ինքներդ դատեցեք, սինյորներ, թե ինչպե՜ս պիտի զարմացներ և ուրախացներ մեզ այդ նամակի բովանդակությունը։ Դժվար էր թաքցնել մեր ուրախությունը, և դավանափոխը կռահեց, որ նամակը պատահմամբ չէր գտնված, այլ, իրոք, գրված է մեզնից մեկն ու մեկի վրա։ Ուստի նա մեզնից խնդրեց, որ, եթե իր կռահումն արդարացի է, լիովին հավատ ընծայել իրեն և ամեն բան պատմել, որովհետև նա մեր ազատության համար պատրաստ է վտանգի ենթարկել իր կյանքը։ Այդ ասելու միջոցին նա ծոցից հանեց մի մետաղե խաչ և արցունքն աչքերին երդվեց վրայի պատկերով, որին այդ չարագործն ու մեղավորը ամուր ու անկեղծ հավատում էր, ― որ նա մեզ չի դավաճանի և կպահի գաղտնիքը, որ մենք նրան բաց կանենք։ Նա ենթադրում և գրեթե հավատացած էր, որ նամակը գրողի օգնությամբ մենք բոլորս ազատություն կստանանք, իսկ ինքը վերջապես կհասնի իր կետ նպատակին՝ վերադառնալ իր սուրբ մոր՝ եկեղեցու ծոցը, որից անգիտակցությամբ և մեղք գործելով նա կտրվեց և պոկվեց, ինչպես կտրում են մարմնի փտող անդամը։ Այդ ամենը նա ասում էր արտասվաթոր և այնպիսի անկեղծ զղջման ձև անելով, որ մենք բոլորս միաձայն վճռեցինք բաց անել նրան ողջ ճշմարտությունը և առանց ամենաչնչին բան թաքցնելու ամեն ինչ ասել նրան։ Մենք ցույց տվինք նրան լուսամուտը, որտեղից իջնում էր եղեգը և նա նիշեց այդ տունը և խոստացավ ամեն ջանք գործադրել, որպեսզի իմանա, թե ով է նրա մեջ ապրում։ Ապա թե մենք որոշեցինք, թե պետք է մավրուհու նամակին պատասխանել և, քանի որ հիմա մեր միջև կա արաբերեն իմացող մեկը, պատասխանը իսկույն ևեթ կազմեցինք։ Ես բառ առ բառ հիշում եմ դավանափոխին թելադրածիս բովանդակությունը, որովհետև այդ անցքի ոչ մի էական մանրամասնություն չի ջնջվել իմ հիշողությունից և, հավանական է, չի ջնջվի ցմահ։ Ահա թե ես ինչ պատասխանեցի․ | ||
+ | |||
+ | |||
+ | <i>«Ճշմարիտ ալլահը թող պահպանի քեզ, տիրուհիդ իմ, նրա հետ էլ օրհնյալ Մարիենը, տիրոջ ճշմարիտ մայրը, որը քո սրտի մեջ քրիստոնյաների երկիրը գնալու փափագ է դրել, որովհետև քեզ շատ է սիրում։ Աղոթիր, որ նա քեզ հասկացնի տեղ հասնելու միջոցները՝ նա այնքան բարի է, որ կանի։ Իմ կողմից ես հետս եղած բոլոր քրիստոնյաների անունից խոստանում եմ անել քեզ համար ամենը, ինչ որ մեր ուժը պատի, անգամ եթե հարկ լինի մեռնել քեզ համար։ Գրիր ինձ և հաղորդիր, թե ինչ ես մտադիր անելու, և ես քեզ իսկույն կպատասխանեմ, որովհետև մեծն Ալլահը մեզ մի գերի է ուղարկել, որ գիտե քո լեզվով խոսել և գրել, ինչպես որ դու կարող ես համոզվել այս նամակից։ Այսպիսով, դու աներկյուղ կարող ես հաղորդել մեզ, ինչ որ կամենաս։ Գալով քո խոսքերին, թե քրիստոնեական երկիրը հասնելուն պես կուզենայիր իմ կինը լինել, ապա խոստանում եմ այդ քեզ, իբրև բարի քրիստոնյա և, իմացած եղիր, որ քրիստոնյաները ավելի լավ են կատարում իրենց խոստումը, քան մավրերը։ Թող պահպանի քեզ Ալլահն ու Մարիենը, նրա մայրը»։</i> | ||
+ | |||
+ | |||
+ | Նամակը գրելուց և ներփակելուց հետո ես երկու օր սպասեցի, մինչև որ բանյոն դատարկվեց, ապա թե կանգնեցի կտերը սովորական տեղում, սպասելով եղեգի երևալուն, որ և չհապաղեց երևան գալու։ Թեև ես չէի կարողանում նշմարել, թե ով է կանգնած վարագույրի ետևը, բայց, տեսնելով եղեգը, ես ցույց տվի նամակը, դրանով հասկանալ տալով, որ խնդրում եմ թելն իջեցներ։ Թելն արդեն կապած էր եղեգին, և ես նրանով կապեցի նամակը։ Պահ մի անց, մեր աստղ եղեգը դարձյալ երևաց, և նրա ծայրին թաշկինակ էր կապած՝ որպես խաղաղության ճերմակ դրոշ։ Վայր ընկավ թե չէ, ես բարձրացրի և թաշկինակի մեջ գտա ավելի քան հիսուն էսկուդո այլևայլ ոսկի և արծաթ դրամներով։ Դա հիսուն անգամ բազմապատկեց մեր ուրախությունն ու ամրապնդեց ազատվելու հույսը։ Նույն գիշերը վերադարձավ մեր դավանափոխը և ասաց մեզ, թե իր տեղեկությունների համեմատ այդ տանն, իրոք, ապրում է այն իսկ մավրը, Հաջի Մորատո անունով, որի մասին մեզ ասել էին, թե չափազանց հարուստ է և թե մի հատիկ աղջիկ ունի՝ իր ողջ կարողության ժառանգորդուհին։ Ողջ քաղաքը միաբերան հավատացնում է, որ նա բովանդակ Բերբերիայում ամենագեղեցիկ աղջիկն է։ Շատ փոխարքաներ եկել էին հարսնախոսության, բայց նա համառ կերպով հրաժարվել է մարդու գնալուց։ Դավանափոխն այլև իմացել էր, որ նա քրիստոնյա ստրկուհի է ունեցել, որը մի քանի տարի առաջ վախճանվել է։ Բոլոր այդ տեղեկությունները համապատասխանում էին մեր իմացածին նամակից։ | ||
+ | |||
+ | Մենք խորհրդակցեցինք դավանափոխի հետ, թե ինչպես փախցնենք մավրուհուն և նրա հետ քրիստոնեական հողը փախչենք և, ի վերջո վճռեցինք սպասել Զորաիդայից երկրորդ լուրի։ Այդպես էր նրա անունը, որ այժմս կամենում է կոչվել Մարիամ։ Մեզ համար պարզ էր, որ միմիայն նա կարող է օգնել մեզ՝ գտնելու ելք մեր դժվարություններից և ուրիշ ոչ ոք։ Այստեղ էլ մենք կանգ առանք, և դավանափոխն սկսեց հավատացնել մեզ, որ ինքը պատրաստ է կործանվելու, միայն թե ազատի մեզ։ Չորս օր բանյոն լիքն էր մարդկանցով, այդ պատճառով էլ չորս օրվա ընթացքում եղեգը չէր երևում։ Վերջապես, երբ որ բանյոն դարձյալ դատարկվեց, եղեգը կրկին երևաց։ | ||
+ | |||
+ | Այս անգամ կշկիռը այնքան հաստափոր էր, որ կարծես ավետում էր, թե շատ հաճելի կազատվի ծանրությունից։ Բացի նամակը ես գտա հարյուր էսկուդո ոսկեդրամ։ Դավանափոխը հետս էր։ Մենք քաշվեցինք մեր բնակարանն ու կարդալ տվինք նամակը, որ նա թարգմանեց այսպես․ | ||
+ | |||
+ | |||
+ | <i>Ես չգիտեմ, տեր իմ, ինչ անենք, որ փախչենք Իսպանիա, ազատվենք, Լելա Մարիենն էլ ինձ բան չասաց, թեև նրանից հարցրել եմ։ Բայց ահա թե ինչ կարող ենք անել՝ ես լուսամուտից կհանձնեմ ձեզ շատ֊շատ ոսկի, իսկ դուք վճարեցեք ձեզ և ձեր բարեկամների համար փրկանք և ազատվեցեք։ Թող ձեզնից մեկն ու մեկը գնա քրիստոնեական երկիրը, գնի այնտեղ մի թեթև նավ և վերադառնա մնացյալների ետևից։<ref>Բոլորովին նույնպիսի մի ծրագիր փորձել է իրականացնել Սերվանտեսը 1572 թվին՝ մավրերի մոտ գերի եղած ժամանակ, բայց անհաջող։ Նրա եղբայր Ռոդրիգոն, փրկանքով ազատվելով, պետք է նեղանավակով (ֆելյուգա) վերադառնար իր ընկերների մոտ։</ref> Իսկ ինձ դուք կգտնեք քաղաքից դուրս, Բաբոզոնյան դարպասի մոտ՝ հորս տանը, որ հեռու չէ ծովափից։ Այնտեղ եմ անցկացնելու ամառը հորս և ծառաներիս հետ։ Այնտեղից դուք հեշտությամբ կարող եք փախցնել ինձ և նավով հետներդ տանել։ Չմոռանաս, որ դու պիտի ամուսնանաս ինձ հետ, իսկ եթե չանես այդ, ես կխնդրեմ Մարիենից, որ քեզ պատժի։ Եթե նավի գնումը դու ոչ ոքի չես կարող վստահել, ապա փրկանք տուր և ազատվիր և ինքդ գնա։ Ես գիտեմ որ դու կվերադառնաս ավելի հաստատ, քան որևէ ուրիշը, որովհետև դու ազնվական և քրիստոնյա ես։ Աշխատիր մեր այգու տեղն իմանալ։ Երբ որ դու բակում անց ու դարձ անելու լինես, ես գլխի կընկնեմ, որ ուրեմն բանյոյում մարդ չկա և քեզ շատ փող կտամ։ Թող ալլահը պահպանի քեզ, տեր իմ»։</i> | ||
+ | |||
+ | |||
+ | Ահա թե ինչն էր բովանդակությունն ու ինչպես էր հնչում երկրորդ նամակը։ Հենց որ ընկերներս ծանոթացան, ամեն մեկն սկսեց թախանձել, որ իրեն ազատենք՝ խոսատանալով գնալ և ճիշտ ժամանակին վերադառնալ։ Նույնն առաջարկեցի նաև ես։ Սակայն դավանափոխը հակառակեց, ասելով թե ոչ մի դեպքում թույլ չի տա, որ մեկն ու մեկը մյուսներից առաջ ազատվի, թե նա փորձով գիտե, որ ազատվողները վատ են կատարում գերության մեջ տված խոստումները։ Քանի՜֊քանի՜ անգամ ազնվական գերիները դիմել են այդ միջոցին՝ ազատելով մեկին և նրան փող տալով ուղարկել են Վալենսիա կամ Մայորկա, որպեսզի նա այնտեղ նավակ դրստի և նրանով գա մնացյալների ետևից, և գնացածները երբեք չեն վերադարձել, որովհետև ազատություն ձեռք բերելու ուրախությունը և կրկին կորցնելու երկյուղը ստիպում են նրանց մոռացության տալ աշխարհիս բոլոր պարտականությունները։ Եվ, ի հաստատություն իր խոսքերի, նա կարճառոտ պատմեց մեզ մի դեպք, որ շատ նոր էր պատահել մի քրիստոնյա կաբալյերոյի։ Եվ թեև այդ երկրում ամեն քայլափոխում պատահում են սարսափելի և զարմանալի անցք ու դեպքեր, այնուհանդերձ այստեղ էլ այդ դեպքը արտասովոր թվաց։<ref>Ակնարկ է Սերվանտեսի փախստյան անհաջող փորձի պատմության։</ref> Ի վերջո նա ասաց, որ կարելի և կարևոր է անել հետևյալը՝ մեզնից մեկն ու մեկի համար հատկացված փրկանքը տանք իրեն, հենց այստեղ, Ալժիրում նավակ գնելու համար, իբրև թե Տետուանի և բոլոր առափնյա վայրերի հետ առևտուր անելու նպատակով։ Լինելով այդ նավակի տերը՝ նա հեշտությամբ կարող է մեզ բոլորիս դուրս բերել բանտից և նստեցնել մեջը։ Մանավանդ, եթե մավրուհին իր խոսքի տեր լինի և փող տա, որ բոլորիս ազատի։ Դուրս գալով բանտից մենք կարող կլինենք նավակ նստել՝ անգամ օրը ցերեկով։ Դժվարությունն այն է, որ մավրերը թույլ չեն տալիս դավանափոխներին ո՛չ գնել, ո՛չ էլ ունենալ որևէ նավ, բացի մեծ նավերից, որովհետև նրանք երկյուղ են կրում, որ նավակ ձեռք բերողը, մանավանդ եթե իսպանացի է, մտքումը դրած կլինի քրիստոնեական երկիր փախչելու։ Սակայն դավանափոխը հույս ուներ այդ դժվարությունն էլ հաղթահարելու՝ մի մավր֊տագարինի<ref>Տագարիններ (արաբերեն տեգրի բառից, նշանակում է «սահմանապահ») կոչվում էին այն մավրերը, որոնք 1492 թվից հետո մնացել էին Իսպանիայում և խառնվել տեղական ազգաբնակչության հետ։ Ստորև, (հաջորդ գլխի սկզբում) Սերվանտեսը նվազ ստույգ է տալիս այդ տերմինի բացատրությունը։</ref> հետ կիսով գնելով և տալով նրան առևտրական շահի կեսը։ Այդ պատրվակով նա կդառնա նավի տերը, ապա թե ամեն ինչ ինքն իրեն կընթանա։ | ||
+ | |||
+ | Ինձ և իմ ընկերներին ավելի խոհեմ էր թվում մեկն ու մեկին Մայորկա ուղարկել նավակ գնելու համար, ինչպես մավրուհին էր խորհուրդ տալիս, սակայն մենք սիրտ չարինք հակառակել դավանափոխին, վախենալով, որ եթե մենք նրա ցանկությունը կատարելու չլինենք, նա մեզ կմատնի և բաց կանի մեր համաձայնությունը Զորաիդայի հետ։ Այն ժամանակ մենք էլ կկործանվենք և կկործանենք նրան, որի համար պատրաստ ենք մեռնելու։ Այսպիսով, մենք վճռեցինք ապավինել Աստծուն ու դավանափոխին։ Իսկույն ևեթ մենք հաղորդեցինք Զորաիդային, որ կկատարենք նրա բոլոր պատվիրանները, որովհետև այնքան բանական են նրանք, որ թվում է, թե ինքը Լելա Մաիենն է ներշնչել և նրանից է կախված՝ հետաձգե՞լ այդ գործը, թե՞ անհապաղ ձեռնամուխ լինել։ Ի վերջո ես կրկին առաջարկեցի նրան իմ կինը դառնալ։ Եվ ահա, հետևյալ օրը, երբ որ բանյոն պատահաբար դարձյալ դատարկ էր, նա մի քանի նվագ եղեգի և թաշկինակի օգնությամբ մեզ հանձնեց երկու հազար ոսկի էսկուդո, հետն էլ նամակ, որի մեջ ասված էր, որ առաջիկա Ջումա օրը, այսինքն՝ ուրբաթ, նա տեղափոխվում է հոր տունը՝ քաղաքից դուրս և որ մինչև գնալը նա մեզ էլի փող կտա, իսկ եթե այդ գումարները հերիք չտան, բավական է, որ մենք իրեն իմաց անենք և նա մեզ համար կճարի՝ որքան մենք կամենանք, որովհետև նրա հայրը այնքան շատ փող ունի, որ կորուստը չի էլ նկատի, մանավանդ, որ բոլոր բանալիները իր ձեռքին են։ | ||
+ | |||
+ | Մենք իսկույն տվինք դավանափոխին հինգ հարյուր էսկուդո, որ նավակ առնի։ Ութ հարյուր ես հանձնեցի մի վալենսիացի վաճառականի, որ այն միջոցում Ալժիրում էր, և նա ազատեց ինձ, խոստանալով թագավորին փրկանքը վճարել, հենց որ նավ գա Վալենսիայից։ Միանգամից վճարել նա սիրտ չարեց, որովհետև թագավորը կարող էր կասկածել, որ իմ փրկանքը վաղուց հետև իր մոտ պահված է եղել և նա լռել է այդ մասին՝ կամենալով շահվել դրանից։ Մի խոսքով, իմ տերն այնքան կասկածկոտ էր, որ ես ոչ մի դեպքում չէի կարող փրկանքը վճարել նրան անմիջապես։ Ուրբաթ օրը Զորաիդան պետք է գնար քաղաքից դուրս գտնվող տունը, իսկ հինգշաբթի նա մեզ մեկ հազար էսկուդո ևս հանձնեց և հաղորդեց իր մեկնելու մասին, խնդրելով, որ ես ծանոթանամ այն տան տեղադրությանը, հենց որ փրկանքը մուծեմ և հնար գտնեմ նրա հետ տեսակցելու։ Ես նրան կարճ պատասխանեցի, որ նրա ցանկությունը կկատարեմ և խնդրում եմ դիմել Լելա Մարիենին այն բոլոր աղոթքներով, որ նրան սովորեցրել է ստրկուհին։ Այնուհետև ես փրկանք վճարել տվի մեր բոլոր երեք ընկերների համար, որպեսզի բանյոյից մեր դուրս գալը դյուրանա և որպեսզի նրանք չհուզվեն։ Որովհետև, տեսնելով, որ ինձ համար փրկանքը վճարված է, իսկ նրանց համար ոչ, թեև փողը դրա համար բավական էր, ― նրանք կարող էին ենթարկվել դիվային գայթակղության և որևէ կերպ վնասել Զորաիդային։ Ճիշտ է, ես նրանց շատ լավ էի ճանաչում, որպեսզի երկյուղ կրեի դրանից, այնուհանդեձ ես չէի կամենում վտանգի ենթարկել մեր գործը։ Ուստի ես նրանց համար փրկանքը մուծեցի նույն ձևով, ինչ որ ինձ համար։ Փողը հանձնեցի վաճառականին, որ կատարյալ վստահությամբ և միանգամայն անվատանգ երաշխավորվեց։ Սակայն մենք մեր գաղտնի ծրագիրը բաց չարինք նրան, որովհետև այդ վտանգավոր էինք համարում։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLI== | ||
+ | |||
+ | Գերու պատմության շարունակությունը | ||
+ | |||
+ | |||
+ | Տանհինգ օր չանցած մեր դավանափոխն արդեն երեսուն մարդ տանող նավակ ուներ։ Եվ ամեն կասկած փարատելու համար նա վճռեց ճամփա ելնել Սարջել կոչվող նավահանգիստը, Ալժիրից քսան մղոն հեռու, Օրանի ուղղությամբ, որտեղ չոր թզի խոշոր առուտուր տեղի ուներ։ Այդ ճամփորդությունը նա արեց երկու թե երեք անգամ, արդեն հիշատակածս տագարինի ուղեկցությամբ։ Բերբերիայում այդպես են կոչում Արագոնի մավրերին, իսկ Գրանադայի մավրերին մուդեխար են ասում։ Ֆեսի թագավորության մեջ մուդեխարներին էլշ են ավանում, և այդ երկրի թագավորը նրանցից է կազմում իր զորքը։ Սարջենի ճամփին դավանափոխը ամեն անգամ խարիսխ էր գցում մի փոքրիկ ծովածոցում, որ արբալետի երկու զարկի հեռավորության վրա էր այն տնից, որտեղ մեզ սպասում էր Զորադիան։ Եվ այնտեղ իր թիավարող֊մավրերի հետ նա ասես թե պատահաբար կատարում էր իր զալան կամ թե չէ կատակով անում էր այն, ինչ որ հետագայում մտադիր էր իրոք անելու, այսինքն՝ գնում էր Զորաիդայի պարտեզը և պտուղ էր խնդրում, և նրա հայրը, թեև նրան չէր ճանաչում, այնուհանդերձ չէր մերժում նրան։ Հետագայում նա ինձ հայտնեց, որ փորձել է տեսնել Զորաիդային և ասել նրան, որ ես պատվիրել եմ իրեն նրան քրիստոնեական երկիր տանելու և որ նա անհոգ լինի։ Սակայն նրան ոչ մի անգամ չի հաջողվել հանդիպել Զորաիդային, որովհետև մավրուհիները երևան չեն գալիս ո՛չ տաճիկներին, ո՛չ էլ մավրերին, բացառությամբ միայն հոր կամ ամուսնու հրամանով (իսկ քրիստոնյա գերիների հետ նրանք հանդիպում ու զրուցում են նույնիսկ ավելի, քան հարկն է)։ Ինձ համար տհաճ կլիներ, եթե նրան հաջողեր խոսակցել Զորաիդայի հետ, որովհետև Զորաիդան, տեսնելով, որ իր գործը վստահել եմ դավանափոխի, կարող էր անհանգիստ լինել։ Սակայն տերը, որ այլ կերպ էր տնօրինել, թույլ չտվեց, որ դավանափոխի բարի ցանկությունը բավարարվի։ Վերջինս, համոզվելով, որ միանգամայն ապահով կարող է գնալ֊գալ Սարջել, խարիսխ գցել, որտեղ կամենա, որ իր ընկերը, մավր֊տագարինը ամբողջապես ենթարկվում է իր կամքին, որ ես արդեն ազատված եմ և մնում է միայն գտնել մի քանի քրիստոնյա֊թիավարներ, խնդրեց, որ ես գերիներից ընտրեմ մի քանիսին, որոնց կկամենայի հետս տանել, բացի արդեն ազատված երեք ընկերներիցս և պայմանավորվել նրանց հետ, որպեսզի նրանք առաջիկա ուրբաթ օրը պատրաստ լինեն, քանի որ մեր մեկնումը նշանակված էր այդ օրը։ Ես համաձայնության եկա տասներկու իսպանացիների հետ, շատ լավ թիավարողների, որ բոլորն էլ կարող էին ազատ կերպով քաղաքից դուրս գալ։ Այդքան մարդ գտնելը մեծ հաջողություն էր, որովհետև արդեն քսան նավ նավագնացության մեջ էին և տարել էին բոլոր ազատ թիավարներին։ Ես այդ իսպանացիներին էլ չէի գտնի, եթե նրանց տերը ամառը մնացած չլիներ ափին՝ թիանավի կառուցումն ավարտելու նպատակով։ Ես նրանց կարճառոտ կարգադրեցի, որ առաջիկա ուրբաթ օրը թաքուն և մեկ֊մեկ դուրս գան քաղաքից Հաջի Մորատոյի տունը գնան և սպասեն այնտեղ իմ գալստյան։ Այս հրամանը ես տվի ամեն մեկին առանձին և ավելացրի, որ եթե նրանք այնտեղ ուրիշ քրիստոնյաների հանդիպելու լինե, ապա թող նրանց միայն ասեն, թե ես կարգադրել եմ, որ այդտեղ սպասեն ինձ։ | ||
+ | |||
+ | Ավարտելով այդ գործը՝ ես ձեռնամուխ եղա իմ սրտին ավելի մոտ մի գործի՝ պետք էր հայտնել Զորաիդային, թե ինչ վիճակի մեջ է մեր գործը, որպեսզի նախազգուշացնեմ և տեղյակ պահեմ նրան, որ մեր հանկարծակի հարձակումից չվախենա, որովհետև նա չէր կարող ենթադրել, որ նավը այդքան շուտ կգա քրիստոնեական երկրներից։ Այսպիսով, ես վճռեցի գնալ նրա մոտ պարտեզը և փորձել տեսակցել նրա հետ։ Եվ ահա, իմ մեկնելու նախօրյակին, ես գնացի այնտեղ, իբրև թե նրա համար, որ կանաչի հավաքեմ։ Առաջին մարդը, որին ես հանդիպեցի, Զորաիդայի հայրն էր։ Նա հետս խոսեց այն լեզվով, որով ողջ Բերբերիայում և անգամ Կոստանդնուպոլսում բացատրվում են իրար հետ մավրերը և գերիները։ Այդ լեզուն ո՛չ մավրական է, ո՛չ իսպանական, ոչ էլ այլ լեզվի բարբառ, այլ պարզապես բոլոր լեզուների խառնուրդ, բայց և այնպես մենք իրար շատ լավ հասկանում ենք։ Ահա այդ լեզվով նա հարցրեց, թե ո՞վ եմ ես և ի՞նչ եմ որոնում պարտեզում։ Ես պատասխանեցի, թե ես առնաուտ Մամիի գերին եմ<ref>Այդպես էին կոչում հրամանատարին թուրքական նավատորմի, որի կազմի մեջ էր Սերվանտեսին գերի բռնած ծովահենը։</ref> (այդպես ասացի, որովհետև իմ ստույգ տեղեկությունների համեմատ առնաուտ Մամին նրա մոտ բարեկամն էր) և ավելացրի, որ զանազան կանաչեղեն եմ որոնում սալաթ պատրաստելու համար։ Նա հարցրեց ինձնից, կարելի՞ է արդյոք փրկանք վճարելով ազատել ինձ, թե՞ ոչ և ինչքան է ինձ համար պահանջում տերս։ Մինչդեռ նա հարց ու փորձ էր անում, իսկ ես նրան պատասխանում, տնից պարտեզ ելավ չքնաղ Զորաիդան, որ վաղուց արդեն նկատել էր ինձ։ Եվ որովհետև մավրուհիները, ինչպես արդեն ասացի, բոլորովին չեն քաշվում և չեն խուսափում քրիստոնյաներից, ապա նա առանց քաշվելու, մոտեցավ հորը, որ հետս խոսում էր։ Ավելին՝ հենց որ Հաջի Մորատոն տեսավ, որ նա դանդաղ դիմում է դեպի մեզ, ինքը կանչեց և ասաց, որ շտապի մոտ գա։ | ||
+ | |||
+ | Անհնար կլիներ նկարագրել իմ սիրեցյալ Զորաիդայի արտասովոր գեղեցկությունն ու գրվաչությունը, նրա արդուզարդի շքեղությունն ու նրբությունը։ Կասեմ միայն, որ նրա ծամերի մեջ այնքան մազ չկար, որքան մարգարիտ կար նրա չքնաղ կրծքին, ականջներին ու գլխին։ Նրա, ըստ տեղական սովորության, ոտների մերկ կոճերին հագցրած էին երկու կարկաջի (այսպես են կոչվում մավրերի լեզվով օղերը կամ ապարանջանները, որ կրում են ոտներին) զուտ ոսկուց, մարգարտակուռ։ Ինչպես հետագայում նա ինձ ասաց, նրա հայրը գնահատում էր այդ մարգարիտները տասը հազար դուբլոն։<ref>Դուբլոն ― հինավուրց ոսկեդրամ, որը զանազան ժամանակներում ունեցել է տարբեր արժեք։</ref> Ասենք՝ նրա ձեռների ապարանջաններն էլ պակաս չարժեին։ Վրան էլ շատ շքեղ մարգարիտ կար, որովհետև մավրերի կանայք խոշոր ու մանր թանկագին մարգարիտները համարում են ամենաշքեղ զարդը։ Այդ պատճառով մավրերն ավելի մարգարիտ ունեն, քան բոլոր մնացյալ ազգերը։ Զորաիդայի հոր մասին լուր էր պտտում, որ նա ոչ միայն ողջ Ալժիրում ամենալավ մարգարիտի մեծագույն քանակի տերն է, այլև երկու հազար իսպանական էսկուդոյի և այդ ամենի տերն նա էր, որ հիմա դառել է իմ ամուսինը։ Եթե բոլոր կրած աղետներից հետո նա մնացել է այնպես, ինչպես դուք նրան տեսնում եք, ինքներդ, սինյորներ, դատեցեք, թե ինչ տեսք պիտի ունենար նա փարթամ արդուզարդով իր բարեկեցության ժամանակ։ Հայտնի է, որ կանանցից շատերի գեղեցկությունը փոխվում է ժամանակի և պարագաների ազդեցությունից, ավելանում կամ պակասում։ Եվ միանգամայն բնական է, որ հոգեկան կրքերը մերթ վեհացնում, մերթ ստորացնում, իսկ ավելի հաճախ կործանում են։ Մի խոսքով՝ այն վայրկյանին նրա գեղեցկությունն էլ, արդուզարդն էլ հասնում էին կատարելության սահմանին, գոնե ես մինչ այդ ավելի չքնաղ բան դեռ չէի տեսել և, հիշելով, թե որքան շատ եմ ես պարտական նրան, վճռեցի, որ դա դիցուհի է՝ երկնքից երկիր իջաց, որպեսզի փրկի և երջանկացնի ինձ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Երբ որ նա մոտ եկավ, հայրը բացատրեց նրան՝ նրանց լեզվով, որ ես իր բարեկամի առնաուտ Մամիի գերին եմ և եկել եմ սալաթի համար բանջարեղեն քաղելու։ Նա խոսեց այն խառը լեզվով, որ ես արդեն հիշատակեցի և հարցրեց ինձնից՝ ազնվակա՞ն եմ ես արդյոք և ինչու ես դեռ փրկանք չեմ վճարել, որ ազատվեմ։ Ես պատասխանեցի նրան, որ ես արդեն ազատ եմ և իմ փրկանքի չափից դժվար չէ եզրակացնել, թե որքան բարձր է գնահատելիս եղել ինձ իմ տերը՝ ես հարկադրված եմ եղել հազար հինգ հարյուր սոլտանի<ref>Սոլտանի՝ (բառացի «սուլթանական դրամ»), հավասար էր մոտավորապես 6 ռեալի։</ref> վճարելու։ Նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե դու իմ հորը պատկանելիս լինեիր, ես թույլ չէի տա, որ նա քեզ ծախեր անգամ երկուտակ մեծ գումարով, որովհետև ձեր՝ քրիստոնյաներիդ բոլոր ասածները սուտ են, դուք աղքատներ եք ձևանում, որ խաբեք մավրերին։ | ||
+ | |||
+ | ― Գուցե և այդպես է, տիրուհի, ― պատասխանեցի ես, ― բայց ես իմ տիրոջ հետ խճմտանքով վարվեցի, այդպես եմ վարվում և այդպես էլ վարվելու եմ յուրաքանչյուր ոքի հետ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ դու ե՞րբ ես մեկնում, ― հարցրեց Զորաիդան։ | ||
+ | |||
+ | ― Հույս ունեմ՝ վաղը, ― պատասխանեցի ես, ― որովհետև նավահանգիստում ֆրանսիական նավ կա, որ վաղը խարիսխը կհանի, և ես մտադիր եմ նրանով գնալ։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ չէ՞ր լինի միթե, ― առարկեց Զորաիդան, ― սպասել, որ Իսպանիայից նավ գա և նրանով էլ գնալ, քան թե մեկնել ֆրանսիացիների հետ, որոնք քեզ բարեկամ չեն։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ― պատասխանեցի ես, ― եթե հաստատվելու լիներ այն լուրը, որ շուտով Իսպանիայից նավ կգա, ապա ես, իհարկե, կսպասեի, բայց և այնպես, հավանական է, որ ես վաղը կգնամ, որովհետև հայրենիքիս և սրտիս մոտ մարդկանց տեսնելու ցանկությունն իմ մեջ այնքան ուժեղ է, որ եթե գնալու ուրիշ՝ ավելի հարմար առիթն ուշանա, ես այլևս չեմ սպասի։ | ||
+ | |||
+ | ― Դու, ըստ երևույթին, հայրենիքում կին ես թողել, ― ասաց Զորաիդան, ― և շտապում ես գնալ, որ տեսնես նրան։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ― պատասխանեցի ես, ― կին չեմ թողել, բայց ամուսնանալու խոսք եմ տվել, հենց որ հայրենիք վերադառնամ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ գեղեցի՞կ է նա, որին դու խոսք ես տվել, ― հարցրեց Զորաիդան։ | ||
+ | |||
+ | ― Այնքան գեղեցիկ, ― պատասխանեցի ես, ― որ ավելի մեծ գովասանք ես չեմ գտնի, քան եթե ասեմ, որ նա, ճշմարիտ, շատ նման է քեզ։ | ||
+ | |||
+ | Լսելով այդ՝ Զորաիդայի հայրը բարձր ծիծաղեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Երդվում եմ ալլահով, քրիստոնյա՛, քո նշանածն իրոք գեղեցիկ է, եթե նման է իմ աղջկան։ Զորաիդան մեր թագավորության գեղագույն աղջիկն է։ Թե չես հավատում, ապա նայի՛ր նրան և դու կտեսնես, որ ես ճիշտ եմ ասում։ | ||
+ | |||
+ | Գրեթե ողջ խոսակցության ընթացքում Զորաիդայի հայրը մեր միջև թարգման էր հանդիսանում, որովհետև ավելի հմուտ էր լեզուներին։ Իրավ, թեև աղջիկը կոտրատում էր լեզուն, որ, ինչպես ես արդեն ասացի, գործածական էր այդ երկրներում, դարձյալ ավելի նշաններով էր բացատրվում, քան բառերով։ Այսպես մենք դեսից֊դենից զրույց էինք անում, հանկարծ ներս վազեց մի մավր և ճչաց, թե պարտեզի պատերից ներս են մտել չորս տաճիկներ, որ քաղում են խակ֊խակ պտուղները։ Ծերունին էլ, Զորաիդան էլ խիստ հուզվեցին, որովհետև բոլոր մավրերը սովորաբար և բնակաբար երկյուղ են կրում տաճիկներից, մանավանդ, զինվորներից, որոնք այնքան հանդուգն են և այնքան մեծ իշխանություն ունեն իրենց հպատակ մավրերի վրա, որ նրանց հետ ավելի վատ են վարվում, քան իրենց ստրուկների հետ։ Ուստի հայրն ասաց Զորաիդային․ | ||
+ | |||
+ | ― Աղջիկս, գնա տուն և մի լավ փակվիր, իսկ ես գնամ խոսեմ այդ շների հետ։ Իսկ դու՛, կանաչիդ քաղիր֊պրծիր և գնա բարով, և թող Ալլահը օգնի քեզ բարեհաջող հայրենիք վերադառնաս։ | ||
+ | |||
+ | Ես գլուխ տվի նրան, և նա գնաց տաճիկների մոտ՝ թողնելով ինձ ու Զորաիդային մենակ։ Զորաիդան տուն դառնալու ձև արեց, ինչպես կարգադրված էր նրան, սակայն հենց որ նրա հայրը աներևութացավ պարտեզի ծառերի ետևում, ետ դարձավ ինձ մոտ և արտասվաթոր աքչերով ասաց ինձ․ | ||
+ | |||
+ | ― Տա՞մշիշի, կրիստիանո, տա՞մշիշի, ― որ կնշանակի՝ գնո՞ւմ ես, քրիստոնյա, գնո՞ւմ։ | ||
+ | |||
+ | Ես նրան պատասխանեցի․ | ||
+ | |||
+ | Այո՛, տիրուհի, բայց առանց քեզ՝ ո՛չ երբեք։ Առաջիկա ջումա օրն սպասիր ինձ և մի վախենա, երբ մեզ տեսնես։ Մենք անպատճառ կմեկնենք քրիստոնեական երկրներ։ | ||
+ | |||
+ | Ես ամեն ինչ բացատրեցի նրան այնպես, որ նա խոսքս հասկացավ։ Ապա թե մի ձեռքով փաթաթվեց վզիս և հենվելով ինձ վրա, դողդոջ քայլերով դիմեց դեպի տուն։ Մեզ համար դա կարող էր շատ վատ վերջանալ, եթե բախտը չհաճեր այլ կերպ տնօրինել։ Որովհետև երբ որ մենք գնում էինք գրկախառնված, ինչպես ես նոր ասացի, Զորաիդայի հայրը, քշելով տաճիկներին, ետ եկավ և տեսավ, որ նա ձեռքը փաթաթել է պարանոցիս։ Ասենք մենք էլ տեսանք, որ նա մեզ տեսնում է։ Սակայն հնարագետ և խելացի Զորաիդան ձեռքը չքաշեց, այլ ընդհակառակը՝ ավելի հպեց ինձ, գլուխը դրեց կրծքիս և մի քիչ խոնարհեց ծնկները, կարծես թե պարզապես ցուցադրելով, որ քիչ է մնում ուշագնաց լինի, իսկ ես, ասես թե ակամա նրան նեցուկ լինելու ձև արի։ Հայրը մոտ վազեց և, տեսնելով աղջկա վիճակը, հարցրեց, ի՞նչ եղավ նրան և, պատասխան չստանալով, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դե, իհարկե, նա վախեցավ այդ շների ներխուժումից, և ուշքը գնացել է։ | ||
+ | |||
+ | Ապա թե վերցնելով իմ ձեռքերից՝ նրա գլուխը դրեց իր կրծքին, իսկ աղջիկը, բանալով իր արտասվալից աչքերը, ասաց ինձ․ | ||
+ | |||
+ | ― Ա՛մեշի, կրիստիանո, ա՛մեշի՝ գնա՛, քրիստոնյա, գնա՛։ | ||
+ | |||
+ | Հայրը դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Քրիստոնյան ինչո՞ւ գնա։ Չէ՞ որ նա քեզ վատ բան չի արել, իսկ տաճիկները արդեն կորան֊գնացին։ Մի՛ վախենա, քեզ ոչ ոք չի վիրավորի։ Ասում եմ քեզ, որ տաճիկներն իմ խնդրանոք գնացին, որտեղից որ եկել էին։ | ||
+ | |||
+ | ― Հենց նրա՛նք վախեցրին ձեր աղջկան, սինյոր, ― ասացի ես Զորաիդայի հորը։ ― Բայց քանի որ նա հրամայում է ինձ գնալ, ես չեմ ուզում նրան նեղացրած լինեմ։ Աստված ձեզ հետ, իսկ ես, եթե դուք թույլ տաք, կգամ մեկ էլ, երբ որ սալաթի համար կանաչեղեն հարկավոր գա, որովհետև իմ տերն ասում է, թե ոչ մի պարտեզում ավելի լավ կանաչի չկա, քան ձերում։ | ||
+ | |||
+ | ― Կարող ես գալ, երբ որ քեֆդ տա, ― ասաց Հաջի Մորատոն, ― որովհետև աղջիկս այդ նրա համար չասաց, որ դու կամ մի այլ քրիստոնյա նրան անհաճո եք։ Նա տաճիկներին է կամեցել ասել՝ «գնացեք», իսկ ասաց քեզ։ Գուցե թե կամեցել է ասած լինել քեզ՝ ժամանակն է գնաս, կանաչի հավաքես։ | ||
+ | |||
+ | Այստեղ ես նրանց հրաժեշտ տվի։ Զորաիդան, որ ըստ երևույթին, սրտակտուր էր լինում, հետևեց հորը, իսկ ես կանաչի հավաքելու պատրվակով խնամքով և ուզածիս չափ պտտեցի ողջ պարտեզը, մի լավ նայեցի բոլոր մուտք ու ելքերը, տան բոլոր փականքները և ուսումնասիրեցի բոլոր մանրամասները, որ կարևոր էին մեր գործի հաջողության համար։ Այդ անելուց հետո ես գնացի դավանափոխի և ընկերներիս մոտ և հաղորդեցի նրանց պատահածի մասին։ Անհամբեր սպասում էի այն րոպեին, երբ ինձ թույլատրած կլինի անարգել վայելել երջանկությունս, որ ի դեմս չքնաղ Զորաիդայի, առաքել էր ինձ կյանքը։ Վերջապես հասավ ժամանակը և այնքան երկար սպասած օրն ու ժամկետը։ Գործելով համաձայն ծրագրի, որ մենք մշակել էինք երկար մտորումներից և խուրհրդածություններից հետո, մենք հեշտությամբ հասանք ցանկալի հաջողության։ Զորիադայի հետ պարտեզում ունեցածս տեսակցության հետևյալ օրը, այն է՝ ուրբաթ, դավանափոխը, հենց որ մութն ընկավ, խարիսխ գցեց չքնաղ Զորիադայի տան դեմ։ | ||
+ | |||
+ | Քրիստոնյաները, որ պիտի մեր նավակը թիավարեին, արդեն նախազգուշացված էին և թաքնվել էին զանազան տեղերում՝ տնից ոչ հեռու։ Նրանք անհամբեր ու տագնապալից սպասում էին ինձ, պատրաստ հարձակվելու հենց իրենց աչքի առջև կանգ առած նավի վրա, որովհետև իմ ու դավանափոխի պայմանադրման մասին բան չգիտեին և ենթադրում էին, թե պիտի սեփական ձեռքերի ուժով նվաճեն ազատություն և կոտորեն նավի վրա եղած բոլոր մավրերին։ Հենց որ ես ընկերներիս հետ երևան եկա, թաքստյան մեջ բոլոր նստածները, տեսնելով մեզ, ընդառաջ վազեցին։ Քաղաքի դարպասների կապելու ժամն էր, և ողջ ծովափին մարդ չէր երևում։ Հավաքվելով մեկտեղ՝ մենք չէինք կարողանում որոշել՝ առաջ Զորաիդայի ետևի՞ց գնանք, թե՞ նավակի թիավար մավր֊բագարիններին<ref>Բագարիններ ― կամովին վարձված թիավարներ մավրերի մոտ։</ref> բռնոտենք։ Մինչդեռ մենք տատանվում էինք, հասավ դավանափոխը և հարցրեց, թե ինչու ենք մենք հապաղում, չէ՞ որ պետք է գործի անցնել, մավր թիավարները միամիտ քնած են։ Մենք հաղորդեցինք նրան մեր տարակուսանքները, և նա պատասխանեց, որ ամենագլխավորը նավի գրավումն է, մի բան, որ կարելի է կատարել ամենայն հեշտությամբ և առանց որևէ վտանգի, իսկ հետո արդեն պետք է գնալ Զորաիդայի ետևից։ Մենք բոլորս հավանություն տվինք նրա որոշմանը և առանց հապաղելու նրա առաջնորդությամբ շարժվեցինք դեպի նավը։ Առաջինը նա թռավ նավի վրա և քաշելով իր կեռ խանչալը, արաբերեն գոչեց․ | ||
+ | |||
+ | ― Ով որ ձեզնից տեղից շարժվի, կվճարի իր կյանքը։ | ||
+ | |||
+ | Նույն միջոցին բոլոր քրիստոնյաներն արդեն տախտակամածի վրա էին։ Երկչոտ մավրերը, լսելով իրենց արրաեսի<ref>Արրաես (արաբերեն արրաիս, «հրամանատար» ― մավրիտանական նավի կապիտան։</ref> նման խոսքերը, վախեցան և առանց զենքի դիմելու, ասենք՝ գրեթե զենք չունեին էլ, լռելյայն թույլ տվին, որ քրիստոնյաները կապկպեն նրանց ձեռները։ Քրիստոնյաները արագ֊արագ արին այդ, սպառնալով անխտիր բոլորին կոտորել, եթե մեկն ու մեկը ճչալու լինի։ Այս գործն ավարտելուց հետո մերոնցից կեսը մնաց՝ որպես պահակ կապկպածների մոտ, իսկ մնացյալները դավանափոխի գլխավորությամբ ուղևորվեցին Հաջի Մորոտայի պարտեզը և, հենց որ մենք ուզեցինք դարպասը ջարդել, դարպասը բաց եղավ այնպես հեշտ, կարծես երջանիկ դիպվածով իսկի փակված էլ չէր եղել։ Ապա լուռ ու մունջ մենք մոտեցանք տանը, այնպես, որ ոչ ոք չլսեց։ | ||
+ | |||
+ | Չքնաղ Զորաիդան մեզ սպասում էր՝ լուսամուտի առջև կանգնած և, լսելով մեր քայլերը, կամացուկ ձայնով հարցրեց՝ հո նիզարանի<ref>Նիզարանի ― նազովրեցի։</ref> չե՞նք, այսինքն՝ ասում ու հարցնում էր՝ քրիստոնյա հո չե՞նք։ Ես նրան պատասխանեցի՝ այո՛ և խնդրեցի, որ իջնի ներքև։ Ճանաչելով ինձ՝ նա, ոչ մի րոպե չտատանվելով և ոչ մի խոսք չարտասանելով, իսկույն ցած իջավ, բաց արեց դուռը և ներկայացավ մեզ գեղեցկության և փարթամ զուգսերի այնպիսի փայլով, որ անկարելի է նկարագրել։ Նրան տեսնելուն պես ես բռնեցի նրա ձեռքը և սկսեցի համբուրել։ Դավանափոխն ու իմ երկու ընկերներն արին նույնը, ասենք՝ մնացյալներն էլ հետևեցին մեր օրինակին, որովհետև, թեև նրանք չգիտեին բանի էությունը, բայց նրանց համար պարզ էր, որ մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ազատագրման համար և ճանաչում նրան՝ որպես մեր տիրուհուն։ Դավանափոխը հարցրեց Զորաիդայից արաբերեն՝ տա՞նն է արդյոք նրա հայրը։ Նա պատասխանեց, թե տանն է և քնած է։ | ||
+ | |||
+ | ― Ի՜նչ արած, պետք կլինի նրան արթնացնել և հետներս տանել, ― ասաց դավանափոխը, ― վերցնելով մեզ հետ այն ամեն արժեքավոր բաները, որ կան այս գեղեցիկ տանը։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, ― պատասխանեց Զորաիդան, ― իմ հորը ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, իսկ այն ամենը, ինչ որ այս տանը արժեքավոր է, ես հետս կվերցնեմ։ Հավատացեք, որ դա հերիք կանի, որպեսզի ձեզ բոլորիդ հարստացնի և բավարարի։ Սպասեցեք մի քիչ, դուք հիմա կտեսնեք։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերով նա նորից տուն մտավ՝ խնդրելով մեզնից, որ չշարժվենք և աղմուկ չհանենք, որովհետև ինքն իսկույն կվերադառնա։ Ես հարցրի դավանափոխից, թե ինչի՞ մասին էր խոսում Զորաիդայի հետ, և նա հաղորդեց ինձ իրենց խոսակցությունը։ Ես ասացի նրան, որ նա պարտավոր է անել միայն այն, ինչ որ նրան է հաճելի։ Այդ միջոցին հայտնվեց Զորաիդան, հետը՝ մի տուփ, լիքը ոսկե էսկուդոներով։ Նա դժվարությամբ էր բերում, այնքան շատ էր ոսկին։ Սակայն մեր չար բախտին հաճելի էր, որ այդ վայրկյանին զարթներ Զորաիդայի հայրը և լսեր աղմուկը պարտեզում։ Դուրս նայելով լուսամուտից՝ նա իսկույն նկատեց, որ պարտեզում քրիստոնյաներ կան և սկսեց բարձր ու սուր ձայնով ճչալ արաբերեն․ | ||
+ | |||
+ | ― Քրիստոնյանե՜ր, քրիստոնյանե՜ր, գողե՜ր, գողե՜ր։ | ||
+ | |||
+ | Այս աղաղակը մեզ բոլորիս սաստիկ շփոթմունքի մեջ գցեց։ Այնուամենայնիվ, դավանափոխը, տեսնելով, թե ի՜նչ վտանգի ենք ենթարկվում մենք և ըմբռնելով, որ պետք է վերջ տանք դրան նախքան ծառաները կհավաքվեն կանչի վրա, նա սաստիկ արագ ներս վազեց Հաջի Մորատոյի սենյակը։ Մեր ուղեկիցներից մի քանիսը հետևեցին նրան, իսկ ես սիրտ չարի Զորաիդային մենակ թողնելու, որ գրեթե ուշագնաց ընկավ իմ ձեռքերի վրա։ Վեր բարձրանալով սանդուղքով՝ նրանք այնպիսի ճարպկությամբ գործը գլուխ բերին, որ վայրկենաբար հետները բերեցին Հաջի Մորատոյին՝ ձեռները կապկպած, բերնի մեջ թաշկինակ կոխած։ Նա չէր կարող բառ անգամ արտասանել, և նրանք մահ էին սպառնում նրան, եթե նա անգամ խոսելու փորձ անելու լինի։ Տեսնելով հորը՝ Զորաիդան երեսը ծածկեց ձեռներով, որպեսզի վրան չնայի, իսկ նա սաստիկ զարմացած էր մնացել դեռևս չիմանալով, որ նա կամովին է անձնատուր եղել մեզ։ Սակայն այն վայրկյանին մենք միմիայն փախուստի մասին էինք մտածում, ուստի արագ֊արագ հասանք նավակին, որտեղ մնացյալները տագնապալից սպասում էին մեզ՝ վախենալով, թե միգուցե մի աղետ է պատահել մեզ։ | ||
+ | |||
+ | Գիշերվա ժամի երկուսը դեռ չկար, իսկ մենք բոլորս էլ արդեն նավակի վրա էինք։ Այստեղ Զորաիդայի հոր ձեռներն արձակեցին և բերնից հանեցին թաշկինակը, բայց դավանափոխը կրկնեց, թե եթե նա գեթ մի խոսք ասելու լինի, իսկույն նրան կսպանեն։ Իսկ նա, տեսնելով աղջկան, սկսեց քնքույշ հոգվոց քաշել, և նրա հեծեծանքն ավելի սաստկացավ, երբ որ նկատեց, որ ես նստած եմ նրա հետ գրկախառնված, իսկ աղջիկը չի պաշտպանվում, չի տրտնջում, չի հրում ինձ և ընդունում է հանգիստ կերպով։ Այնուամենայնիվ, նա լուռ էր՝ երկյուղ կրելով, թե միգուցե մենք կատար ածենք դավանափոխի սարսափելի սպառնալիքը։ Զորաիդան, տեսնելով, որ մենք բոլորս արդեն նավի վրա ենք և մտադիր նավարկելու՝ տանելով հետներս նրա հորը ու ձեռները կապկպած մավրերին, խնդրեց դավանափոխից, որ ինձ հաղորդի, թե աղերսում է ինձնից մի շնորհ՝ բաց թողնել մավրերին և ազատել հորը, որովհետև նա ավելի շուտ ծովը կընկնի, քան իր աչքերով տեսնի, թե իր պատճառով գերի են վարում իր ջերմագին սիրած հորը։ Դավանափոխը հաղորդեց ինձ նրա խոսքերը, և ես հավանություն տվի։ Բայց նա պատասխանեց, թե դա լավ չի լինի, որովհետև եթե մենք նրանց հիմա բաց թոնելու լինենք, նրանք օգնության կկանչեն և ողջ քաղաքը ոտի կկանգնեցնեն։ Մեր ետևից մի քանի թեթև նավակներ կուղարկեն, կշրջապատեն ծովից ու ցամաքից, այնպես որ մենք արդեն փրկվելու տեղ չենք գտնի։ Միակ բանը, որ կարելի կլինի անել՝ դա գերիներին առաջին իսկ քրիստոնեական նավահանգստում ափ աջեցնելն է։ Այդպես էլ մենք վճռեցինք։ Երբ Զորաիդային բացատրեցին, թե ինչ պատճառներով մենք ի վիճակի չենք անմիջապես նրա խնդիրը հարգելու, նա էլ մեզ հետ համաձայնեց։ Ահա՛, ուրախ թափով և մեղմ խնդությամբ մեր ղոչաղ թիավարները գործի անցան և բոլոր սրտով իրենց Աստծու կամքին հանձնելով, նավարկեցին Մայորկա կղզիների ուղղությամբ, որ քրիստոնեկան հողին ամենամոտ կղզիներն են։ Սակայն հուսիսային քամին փչեց, ծովը հուզվեց և անհնար եղավ ուղղակի Մայորկա գնալը։ Ստիպվեցինք լողալ ափի երկարությամբ Օրանի ուղղությամբ, մի բան, որ մեզ սաստիկ անհանգստացնում էր, որովհետև վախենում էինք, թե միգուցե մեզ Սարջելից նկատեն, որովհետև Սարջել նավահանգիստն էլ նույն ափի վրա է, Ալժիրից վաթսուն մղոն հեռավորության վրա։ Բացի այդ, այդ ջրերում մենք վախենում էինք որևէ թիանավի դեմ առնել, որ վերադառնալիս լինի Տետուանից՝ ապրանքով բեռնված։ Ասենք՝ մեզնից յուրաքանչյուրը և մենք բոլորս միասին կարծում էինք, թե առևտրական թիանավը ռազմանավ չէ, ուստի հանդիպումը մեզ ոչ միայն չի կործանի, այլ ընդհակառակը՝ նավը գրավելու հնարավորություն կտա, և նրանով մենք կարող կլինենք առավել ապահով ավարտել մեր ճամփորդությունը։ Զորաիդան շարունակ պառկած էր, երեսը ծածկած իմ ձեռներով՝ հորը չնայելու համար, և ես լսում էի, թե ինչպես նա աղոթում էր Լելա Մարիենին և օգնություն հայցում։ | ||
+ | |||
+ | Մենք առաջ ընթացանք մոտ երեսուն մղոն, լուսաբացը վրա հասավ, երբ որ մենք ափից հրացանի երեք զարկի հեռավորության վրա էինք։ Ափն ամայի էր, և մեզ ոչ ոք չէր կարող նկատել։ Այնուամենայնիվ, մեր թիավարները բոլոր ուժով զոռ էին տալիս թիերին, որպեսզի բաց ծով գնանք, որ այդ միջոցին մի քիչ հանգստացել էր։ Մի երկու մղոն անցնելուց հետո մենք առաջարկեցինք թիավարներին աշխատել չորս հերթով, որպեսզի հանգստացողները կարողանան բան ուտել, մանավանդ, որ մեր նավակը շատ լավ էր գնում։ Բայց թիավարները պատասխանեցին, որ հանգիստ առնելու ժամանակ չէ և թող իրենց կերակրեն չթիավարողները, իրենք, ինչ էլ լինի, ուզում են շարունակել թիավարել։ Այդպես էլ արվեց, իսկ այդ միջոցին բարեհաջող քամի փչեց և մենք, թիերը թողած, առագաստները բաց արինք և բռնեցինք Օրանի ուղղությունը, որովհետև ուրիշ ուղղությամբ ընթանալն անհնար էր։ Մենք այդ կատարեցինք մեծ արագությամբ և առագաստներով կտրում էինք ավելի քան ութ մղոն մեկ ժամում։ Մի բանից էինք միայն վախենում մենք՝ ծովահենների նավակի հանդիպումից։ Մենք մավրերին ուտելու բան տվինք, և դավանափոխը հանգստացրեց նրանց՝ ասելով, թե նրանց ստրուկ չենք դարձնի, այլ կազատենք առաջին իսկ հարմար առիթով։ Նույնն ասեց նաև Զորաիդայի հորը, որ դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ես պատրաստ եմ շատ բանի հավատալ և շատ բան ակնկալել ձեր բարությունից ու վեհանձնությունից, օ՜ քրիստոնյաներ, սակայն երբ որ դուք ինձ ազատություն եք խոստանում, ես այնքան էլ պարզամիտ չեմ, որպեսզի երևակայեմ, թե դուք, այնպիսի վտանգի ենթարկելով ձեզ և խլելով իմ ազատությունը, հիմա ինձ հետ կդարձնեք։ Չէ՞ որ դուք գիտեք, թե ով եմ ես և, ինձ ձեռք գցելով, ինչ շահ կարող եք քաղել։ Եթե դուք որոշելու լինեք չափը, ապա ես պատրաստ եմ անմիջապես վճարելու ինչ որ պահանջելու լինեք՝ իբրև փրկանք ինձ և իմ դժբախտ դստեր համար կամ թե սոսկ նրա համար, որ նա իմ հոգու լավագույն և մեծագույն մասն է։ | ||
+ | |||
+ | Ասելով այդ՝ նա այնպես դառնագին լաց եղավ, որ բոլորս խղճահարվեցինք, իսկ Զորաիդան նայեց նրան և տեսնելով նրա արցունքները, սրտաշարժված վեր թռավ իմ գոգից և փաթաթվեց հորը։ Հպելով իր դեմքը նրա դեմքին՝ աղջիկը լաց եղավ հոր հետ, և շատերը մեզնից չկարողացան զսպել արցունքները՝ այնքան սրտաշարժ էր տեսարանը։ Սակայն, երբ որ հայրը նկատեց, որ աղջիկը տոնական հագուստ է հագել, պճնվել իր թանկագին քարերով, ասաց նրան իրենց լեզվով․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ կնշանակի, դուստրս, որ երեկ երեկոյան, նախքան այս սարսափելի դժբախտության պատահելը, ես քեզ տեսա տնային հասարակ շորով, իսկ այսօր հագիդ ամենափարթամ արդուզարդերն եմ տեսնում, որ ես նվիրել եմ քեզ երբևիցե լավագույն օրերում։ Չէ՞ որ զգեստ փոխելու ժամանակ էլ չես ունեցել դու, համ էլ ոչ մի բարի նորություն չի եղել, որ ստիպեր քեզ տոնելու՝ զուգվելով ու զարդարվելով։ Դե, պատասխանիր ինձ, որովհետև այդ հանգամանքը շփոթեցնում ու զարմացնում է ինձ ավելի, քան ինձ վրա հասած աղետը։ | ||
+ | |||
+ | Մավրի բոլոր ասածները դավանափոխը թարգմանում էր մեզ։ Իսկ աղջիկը ոչ մի խոսք չէր պատասխանում։ Սակայն Հաջի Մորատոն, նկատելով նավի կողքին դրած տուփը, որի մեջ իր աղջիկը սովորաբար պահում էր իր թանկագին իրերը և մտաբերելով, որ Զորաիդան թողած է եղել Ալժիրում և հետը չէր տարել քաղաքից դուրս գտնվող տունը, շփոթվեց ու հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է եղել, որ տուփը մեր ձեռքն է ընկել և ի՞նչ կա մեջը։ Դավանափոխը առանց սպասելու Զորաիդայի պատասխանին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Նեղություն մի քաշիր, տեր իմ, աղջկանդ այդքան հարցեր տալու։ Ես կարող եմ մեկ խոսքով բոլոր հարցերի պատասխանը տալ։ Իմացած եղիր, որ նա քրիստոնյա է։ Նա է խորտակել մեր շղթաները և դուրս բերել մեզ գերությունից։ Նա իր բարի կամքով է հետևել մեզ և կարծես թե երջանիկ է ոչ պակաս, քան խավարից լույս դուրս եկողը, մահից դեպի կյանքը, տանջանքից դեպի երանությունը։ | ||
+ | |||
+ | ― Ճի՞շտ է նրա ասածը, դուստրս, ― հարցրեց մավրը։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ է, ― պատասխանեց Զորաիդան։ | ||
+ | |||
+ | ― Եվ դու իսկապես քրիստոնյա՞ ես և մատնել ես հորդ թշնամիների ձե՞ռքը։ | ||
+ | |||
+ | Զորաիդան դրան պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ես քրիստոնյա եմ, այդ ճիշտ է, բայց քեզ չեմ մատնել։ Ես երբեք ցանկություն չեմ ունեցել քեզ լքելու և չարիք գործելու քեզ։ Ես միայն իմ բարին եմ որոնել։ | ||
+ | |||
+ | ― Եվ ի՞նչ բարիք ես գտել դու քեզ համար, դո՛ւստրս։ | ||
+ | |||
+ | ― Հարցրու Լելա Մարիենից, նա ինձնից լավ կբացատրի, ― պատասխնեց Զորաիդան։ | ||
+ | |||
+ | Մավրը այդ լսելուն պես աներևակայելի արագությամբ գլխիվայր նետվեց ծովը և նա, անշուշտ, կխեղդվեր, եթե նրա երկարափեշ ու լայնարձակ շորը պահ մի չպահեր նրան ջրի երեսին։ Զորաիդան ճիչ բարձրացրեց՝ օգնության կանչելով, և մենք բոլորս վրա տվինք և, բռնելով նրա ալմալաֆայից, հանեցինք ջրից կիսակենդան և ուշագնաց։ Զորաիդան հուսակտուր լաց էր լինում ցավագին ու քնքշագին՝ որպես մեռածի վրա։ Մենք նրան պառկեցրինք երեսի վրա։ Նրա բերնից սկսեց թափվել ջուրը, և երկու ժամից հետո նա ուշքի եկավ։ Այդ ժամանակի ընթացքում քամին փոխեց իր ուղղությունը և մեզ քշում էր դեպի ափ, այնպես որ հարկադրված էին բոլոր ուժերով թիավարելու, որպեսզի ալիքը մեզ ափ չնետի։ Բայց մեր բարի բախտը հաճեց մեզ բերել ծովածոցը, որ փոքրիկ հրվանդանի ետևում էր և որ մավրերը կոչում են Կավա ոումիա, որ մեր լեզվով կնշանակի՝ քրիստոնյա վատ կին։ Մավրերն ունեն մի ավանդություն, որ այդտեղ թաղված է Կավան,<ref>Իապանական հինավուրց ավանդության համաձայն՝ կոմս Հուլիանոսը (ապրել է VIII դարի սկզբում) Իսպանիա է կանչել մավրերին, որպեսզի վրեժ առնի Ռոդրիգո թագավորից, որը պղծել է նրա աղջկան՝ Կավային (մի այլ վարկածով՝ Ֆլորինդային)։ Սակայն այս պատմազրույցը ընդհանուր ոչ մի բան չունի այստեղ հիշատակվող տեղի հետ (ներկայումս Ալբատել հրվանդան), որը արաբերեն կոչվել է Կո՛բոր ոումիա, այսինքն՝ «Հռոմեական դամբարան»՝ երկու հնադարյան տաճարների պատճառով, որոնց ավերակները մինչև այսօր էլ կարելի է տեսնել։ Նկատի առնելով Կո՛բոր (կամ Կովոր) բառի նմանությանը Կավա անվան հետ, ինչպես և այն հանգամանքը, որ նախապես «հռոմեական» նշանակող ռումի՝ բառը այնուհետև ստացել է «Եվրոպական» (այլ կերպ ասած՝ «քրիստոնեական») բառի ընդհանուր իմաստը, ապա XVI դարի իսպանացիները այդ անվան և իրենց ազգային առասպելի միջև սխալմամբ կապ են տեսել։</ref> որի պատճառով Իսպանիան կորստյան մատնվեց։ Նրանց լեզվով Կավա կնշանակի վատ կին, իսկ ոումիա՝ քրիստոնյա։ Եվ, երբ որ նրանք ստիպված են լինում մերձենալ այդ հրվանդանին և խարիսխ գցել, վատ նշան են համարում այդ և առանց ծայրագույն անհրաժեշտության երբեք չեն անում։ Սակայն մեզ համար այդ տեղը ոչ թե վատ կնոջ ապաստան էր, այլ անվտանգ նավահանգիստ, որ փրկեց մեզ փոթորկից ծովում։ Ափին մենք պահակներ դրինք, իսկ մեր թիավարնեըը շարունակում էին թիերի մոտ նստած մնալ։ Ապա մենք ամրապնդվեցինք սնունդով, որ հետը վերցրել էր մեզ համար դավանափոխը և բոլոր սրտով աղոթեցինք Աստծուն և Սուրբ Կույսին՝ խնդրելով օգնել բարեհաջող ավարտելու այսքան երջանիկ սկսած նավարկությունը։ Զորաիդան նորից սկսեց թախանձել, որ ափ հանենք հորն ու մնացյալ կապկպած մավրերին, որովհետև նրա քնքուշ սիրտը պատառ֊պատառ էր լինում, և նա չէր կարողանում տեսնել իր առջև հորն ու հայրենակիցներին կաշկանդված։ Մենք խոստացանք նրա խնդիրքը կատարել մեկնելուց քիչ առաջ, քանի որ այս ամայի վայրերում նրանց ափ հանելը մեզ համար վտանգավոր չէր։ Մեր աղոթքներն ապարդյուն չմնացին, և երկինքն անսաց մեզ։ Քամու թափը թուլացավ և ծովը խաղաղվեց՝ հրավիրելով մեզ խնդությամբ շարունակելու սկսած ճամփորդությունը։ Այդ տեսնելով՝ մենք արձակեցինք մավրերին և մեկ֊մեկ ափ հանեցինք, մի բան, որից նրանք չափազանց զարմացած մնացին։ Սակայն երբ որ մենք ուզում էինք Զորաիդայի հորը ցամաք հանել, որ այդ միջոցին բոլորովին ուշքի էր եկել, նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ եք կարծում, քրիստոնյաներ, ինչու է այդ չար կինն ուրախանում, որ դուք ինձ ազատություն եք շնորհում։ Արդյոք կարծում եք, թե ցավակցությունից դրդվա՞ծ է այդպես վարվում։ Իհարկե՝ ո՛չ։ Նա չի կամենում իմ ներկայությունից շփոթվել իր վատթար մտաղհացումն ի կատար ածելու միջոցին։ Չհավատաք, թե նա հավատը փոխել է՝ համոզվելով, որ ձեր կրոնը մերից լավ է։ Ո՛չ, պարզապես նրան ասած կլինեն, թե ձեր երկրում ավելի հեշտ է անառակությամբ պարապելը, քան թե մեզ մոտ։ | ||
+ | |||
+ | Ապա նա հարձակվեց Զորաիդայի վրա, իսկ ես ընկերներիցս մեկի հետ ամուր բռնել էի նրա ձեռները՝ երկյուղ կրելով, թե միգուցե նա վճռել է որևէ խելահեղ քայլ անել։ | ||
+ | |||
+ | ― Օ՜, անազնիվ և անմիտ կույս, ո՞ւր ես փախչում դու այս շների հետ կուրացած ու խելակորույս՝ մեր բնակա՜ն թշնամիների հետ։ Թող անիծվի՜ քո ծննդյան ժամը, թող անիծվեն փաղաքշանքն ու քնքշությունը, որոնցով ես քեզ մեծացրի։ | ||
+ | |||
+ | Տեսնելով, որ նա երկար խոսելու մտադրություն ունի, ես շտապեցի նրան ափ հանել։ Այստեղ էլ նա շարունակում էր անիծել մեզ՝ աղերսելով Մոհամմեդին խնդրել ալլահին, որ բնաջինջ անի, ոչնչացնի և կործանի մեզ։ Եվ երբ որ մենք, առագաստներն արձակելով, անցանք բավական տարածություն, այնպես որ նրա ձայնը այլևս մեզ չէր հասնում, մենք դեռևս տեսնում էինք նրա շարժումները։ Նա փետում էր մորուքը, պոկում գլխի մազերը և թավալվում գետնին, իսկ մեկ անգամ այնքան բարձր աղաղակեց, որ մենք լսեցինք նրա խոսքերը․ | ||
+ | |||
+ | ― Իմ սիրելի դուստրս, մոտեցի՛ր ափին, ես ամեն ինչ կներեմ քեզ։ Տուր այդ մարդկանց ոսկի, մի բան, որ արդեն նրանց ձեռքին է և եկ մխիթարելու քո ցավագին հորը, որ մեռնելու է այս ամայի ափին, եթե դու նրան լքելու լինես։ | ||
+ | |||
+ | Զորաիդան այդ ամենը լսում էր խորունկ զգացմունքով, լաց էր լինում և վերջապես պատասխանեց այսպես․ | ||
+ | |||
+ | ― Թող հաճելի լինի Ալլահին, հայր իմ, որ քեզ մխիթարի Լելա Մարիենը, որի կամքով ես քրիստոնյա դարձա։ Հայտնի է Աստծուն, որ այլ կերպ վարվել չէի կարող ես, քան վարվեցի և որ իմ վճիռը այս քրիստոնյաներից չէր կախված, որովհետև եթե անգամ ես կամենայի տանը մնալ և նրանց հետ չգնալ, անհնար կլիներ ինձ համար՝ այնքան բոցավառ ցանկություն կար մեջս բարի գործ կատարելու, որ քեզ, սիրելիդ իմ հայր, այնքան վատ է թվում։ | ||
+ | |||
+ | Զորաիդան ասում էր, բայց մավրն արդեն չէր երևում, և նա չէր կարող լսել։ Ես սկսեցի մխիթարել նրան, իսկ մնացյալները գործի անցան։ Բարենպաստ քամին օգնում էր մեր նավարկության և մենք բոլորս հավատացած էինք, որ հետևյալ օրը լուսաբացին տեսնելու ենք Իսպանիայի ափերը։ Սակայն շատ հազվադեպ է (ավելի ճիշտ՝ երբեք) բարին գալիս մեզ զուտ առանց որևէ խառնուրդի, առանց ուղեկցության կամ հետևումի որևէ չարի, որ մռայլեցնում ու խավարեցնում է բարին։ Բա՞խտն է արդյոք մեղավոր, թե՞ աղջկա գլխին թափած մավրի անեծքը ― հայրը, ինչ ուզում է լինի, նրա անեծքը մի՛շտ սարսափելի է, ― միայն թե երբ որ մենք բաց ծով դուրս եկանք և առանց թիավարելու սաստիկ արագությամբ առաջ էինք լողում, ― բարենպաստ քամին թույլ տվեց թիավարներին հանգստանալու, ― գիշերվա ժամի երեքին, լուսնի լույսով, որ պայծառ շողում էր երկնքում, մենք նկատեցինք մոտիկից մի կլոր նավ,<ref>Կլոր նավ ― այսինքն՝ նավ, քառանկյունի, և ոչ թե եռանկյունի առագաստներով։</ref> որ մի քիչ թեք, սաստիկ արագությամբ սլանում էր դեմ֊հանդիման։ Նա այնքան մոտիկից անցավ, որ մենք հարկադրված էինք առագաստներն իջեցնել, որպեսզի չզարկվենք նրան, ասենք՝ դիմընթաց նավի վրա էլ բոլոր ուժերով ղեկավարում էին, որպեսզի մեզ բաց թողնեն կողքով անցնենք։ Նավից սկսեցին մեզ հարց ու փորձ անել, թե ովքեր ենք մենք, որտեղից և որտեղ ենք գնում։ Սակայն, որովհետև, նրանք ֆրանսերեն էին հարցնում, ապա դավանափոխը մեզ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի խոսք չպատասխանեք, դրանք անպայման ֆրանսիական ծովահեններ են, որ ոչ ոքի չեն խնայում։ | ||
+ | |||
+ | Նման նախազգուշացումից հետո մեզնից ոչ ոք չպատասխանեց։ Մենք անցանք նավի կողքով, քամին քշում֊տանում էր նրան։ Սակայն նույն վայրկյանին երկու թնդանոթային կրակոց արձակեցին մեզ վրա։ Երևի թե գունդերը կրկնակի էին՝ մեկը մյուսին շղթայով կպցրած, որովհետև առաջինը միջից կես արեց մեր կայմը, որ առագաստի հետ ծովն ընկավ, իսկ երկրորդը, արձակված նրա ետևից, անմիջապես դիպավ մեր նավի մեջտեղին, ծակեց, բայց ուրիշ վնաս չհասցրեց։ Տեսնելով, որ մեր նավակն ընկղմվում է, մենք սկսեցինք աղաղակել և օգնության կանչել՝ աղերսելով, որ մեզ վերցնեն իրենց նավը, որովհետև մենք սուզվում էինք հատակը։ Նրանք հավաքեցին առագաստները և մի նավակ իջեցրին, որի մեջ պատրույգը վառած հրացանները ձեռքին տասներկու ֆրանսիացի նստեց։ Նրանք մոտ լողացին և տեսնելով, որ մենք շատվոր չենք և որ նավակը հատակն է գնում, առան մեզ իրենց նավակը և հայտնեցին, որ այդ դժբախտությունը մեզ այն պատճառով պատահեց, որ մենք այնքան անքաղաքավարի չպատասխանեցինք նրանց հարցին։ Մեր դավանափոխը վրա տվեց Զորաիդայի ակնեղենների տուփին և նետեց ծովը այնպես, որ ոչ ոք չնկատեց, թե նա ինչպես արեց։ | ||
+ | |||
+ | Երբ որ մենք ֆրանսիացիների նավի վրա նստեցինք, նրանք մեզ հարց ու փորձ արին, ինչ որ ուզում էին իմանալ և ապա, իբրև ոխերիմ թշնամիներ, մեզ կողոպտեցին՝ խլելով անգամ Զորաիդայի ապարանջանները, որ նրա ոտներին էին։ Սակայն ինձ ոչ այնքան Զորաիդային հասցրած վիրավորանքն էր տանջում, որքան երկյուղը, որ խլելով նրա հարուստ ու թանկագին գանձը, նրանք կփորձեն հափշտակելու այն գանձը, որ բոլոր մնացյալներից թանկ էր և որ նա էլ ամենից բարձր էր գնահատում։ Սակայն այդ մարդիկ լոկ փողի մասին են մտածում, և նրանց ընչաքաղցությունը անհագուրդ է։ Նրանց ագահությունը այն աստիճանի էր հասնում, որ նրանք կանգ չէին առնի մեր վրայից մեր բանտային շորերն էլ հանելուց, եթե միայն մի բանի պետք գալու լիներ։ Ապա նրանք սկսեցին քննարկել՝ չկապե՞ն արդյոք մեզ բոլորիս առագաստի մեջ և ծովը չնետե՞ն, որովհետև նրանք մտադիր էին իսպանական ափերին առուտուր անելու, իրենց բրետոնացիների տեղ ծախելով, ուստի և վախենում էին, թե միգուցե իրենց կողոպուտը բացվի և նրանց պատժեն, եթե նրանք մեզ կենդանի տեղ հասցնեն։ Սակայն նավապետը ― նա՛, որ կողոպտեց իմ սիրեցյալ Զորաիդային, ― հայտարարեց, որ այդ ավարն իրեն բավական է և որ նա չի կամենում և ոչ մի իսպանական նավահանգիստ մտնել, այլ միտք ունի շարունակել ուղին և գիշերով Ջիբրալտարի նեղուցն անցնելով, վերադառնա Լա Ռոշել, որտեղից նրանք դուրս էին եկել։ Ուստի նրանք որոշեցին տալ մեզ նավից մի նավակ և ինչ որ անհրաժեշտ է մեզ մնացած կարճ ճամփի համար։ | ||
+ | |||
+ | Այդպես էլ արին նրանք հետևյալ օրը, երբ որ արդեն իսպանական ափը երևում էր։ Հենց որ մենք ափը տեսանք, մեր ուրախությունն այնքան մեծ եղավ, որ մենք մոռացանք մեր բոլոր ցավերն ու տառապանքները, ասես թե մեզ ոչ մի վատ բան պատահած չլիներ։ Այդքան քաղցր էր վերստին գնտել կորցրած ազատությունը։ | ||
+ | |||
+ | Երևի կեսօր կլիներ, երբ ֆրանսիացիները մեզ նստեցրին նավակ և տվին մեզ երկու փոքրիկ տակառ ջուր ու մի քիչ չորացած հաց։ Երբ որ չքնաղ Զորաիդան իջնում էր նավակը, կապիտանը, մղված հանկարծակի կարեկցությամբ, նվիրեց նրան քառասուն ոսկի էսկուդո և թույլ չտվեց, որ նավաստիները հանեն նրա շորերը, որոնց մեջ դուք հիմա տեսնում եք նրան։ Մենք նավակ նստեցինք և շնորհակալություն հայտնեցինք մեզ արած շնորհի համար՝ արտահայտելով ավելի շուտ երախտապարտություն, քան տհաճություն։ Ֆրանսիական նավն անհետացավ բաց ծովում ծովածոցի ուղղությամբ, իսկ մենք, ուղղակի մեր դիմաց երևացող ափին ճամփա բռնելով՝ որպես ուղեցույց աստղի, այնպիսի լարվածությամբ զոռ տվինք թիերին, որ մայրամուտի դեմ մոտիկացանք ցամաքին և հույս ունեինք մինչև գիշերվա վրա հասնելը ափ դուրս գալ։ Բայց, որովհետև այդ գիշեր լուսին չկար, երկինքը սև էր, և մենք ստուգապես չգիտեինք, թե որտեղ ենք գտնվում, ապա մենք համարում էինք, թե անվտանգ չէ անմիջապես մոտենալ ափին։ Շատերը թեև կարծում էին, թե դարձյալ ավելի լավ կլինի, որ ափ իջնենք անգամ ժայռերի միջև և բնակավայրից հեռու, որովհետև այն ժամանակ մենք կարող ենք երկյուղ չկրել Տետուանի ծովահեններից, որոնք երեկոյան լինում են Բերբերիայում, իսկ առավոտյան դեմ հաճախ Իսպանիայի ափերի մոտ, որտեղ ավար առնելով, ետ են գալիս գիշերելու տանը։ Իսկ այդ երկյուղը տեղին էր։ Քննարկելով այդ հակառակ կարծիքները՝ մենք ի վերջո որոշեցինք առանց շտապելու մոտենալ ափին և, եթե ծովը շատ փոթորկալից չլինի, ափ ելնել՝ որտեղ որ պատահի։ Այդպես էլ արինք մենք և կես֊գիշերին մոտ հասանք բարձր ու գիրթ լերան ստորոտին, որ, սակայն, անմիջապես ափից չէր սկսվում, այնպես որ հողի մի փոքր շերտ կար, որին կարելի էր հարմար կերպով մոտենալ։ Նավակը խրվեց ավազուտ հատակին, մենք դուրս եկանք ափ և, համբուրելով հողը, մեծամեծ խնդությամբ և արցունքներով շնորհակալ եղանք Աստծուն աննման շնորհի համար, որ առաքել էր մեզ։ Դուրս քաշելով նավը՝ մենք հանեցինք միջից մեր պաշարը և բավական բարձր վեր ելանք սարը։ Սակայն անգամ այստեղ մենք չկարողացանք հանգստացնել մեր սրտի հուզմունքը և վերջնականապես հավատալ, որ մենք ոտ ենք դրել քրիստոնեական հողի վրա։ | ||
+ | |||
+ | Լուսաբացն ավելի ուշ բացվեց, քան ես կկամենայի։ Մենք հասանք սարի կատարը և սկսեցինք նայել ամեն կողմ՝ չի՞ երևում արդյոք որևէ գյուղ կամ հովվի խուղ։ Բայց ինչքան էլ լարում էինք մեր տեսողությունը, բան չէր երևում, ո՛չ մարդ, ո՛չ գյուղ, ո՛չ ճամփա, ո՛չ արահետ։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք շարունակել մեր ուղին երկրի խորքը։ Հո պիտի՞ մեկն ու մեկը հանդիպեր մեզ, որ ասեր, թե որտեղ ենք գտնվում մենք։ Սակայն ամենից շատ ինձ տանջում էր այն, որ Զորաիդան ոտով էր գնում այս ծանր ճանապարհով։ Ես փորձեցի նրան ուսերիս վրա առնել, բայց նա իմ հոգնածությունից առավել էր հոգնում, քան հանգիստ էր առնում հանգստանալուց և այլևս չէր համաձայնում, որ ես նրան տանեմ։ Նա առաջ էր ընթանում համբերությամբ և ուրախ֊ուրախ՝ բռնած իմ ձեռքը։ Այսպես անցանք մենք մոտ քառորդ մղոն և հանկարծ մեր ականջին հասավ զանգակների ձայն, որ պարզ վկայում էր, թե ոչ հեռու հոտ կա։ Մենք բոլորս սկսեցինք ուշի֊ուշով նայել և վերջապես մի կաղնու տակ նկատեցինք մի երիտասարդ հովվի, որ դանակով ձեռնափայտ էր տաշում՝ խաղաղ ու անհոգ։ Մենք ճչացինք, մեր ձայնի վրա նա արագ վեր թռավ և, ինչպես մենք հետագայում իմացանք, նախ և առաջ նա դավանափոխին և Զորաիդային նկատեց։ Տեսնելով մավրիտանական տարազով մարդկանց՝ նա միտք արեց, թե նրա վրա արշավում է ողջ Բերբերիան և, փախուստ տալով մերին, որ հեռու չէր, սկսեց զիլ ձայնով գոռալ․ | ||
+ | |||
+ | ― Մավրեր են ափ իջել, մավրե՜ր, մավրե՜ր։ Ի զե՜ն, ի զե՜ն։ | ||
+ | |||
+ | Մենք այնքան շփոթվեցինք նրա աղաղակից, որ չգիտեինք, թե ինչ անենք։ Բայց վճռելով, որ այդ աղաղակները ոտի կկանգնեցնեն ողջ աղգաբնակչությանը և որ առափնյա ձիավոր պահակախումբը կգա տեղեկանալու բանի էությունը, մենք դավանափոխին խորհուրդ տվինք հանել տաճկական վերարկուն և հագնել գերու կապա, որ մեր գերիներից մեկը զիջեց նրան, ինքը մնալով շապկանց։ Այսպիսով, հանձնելով մեզ Աստծու կամքին՝ մենք առաջ ընթացանք նույն ճանապարհով, որով փախավ հովիվը, շարունակ սպասելով, թե ահա վրա կհասնի առափնյա պահակախումբը։ Նախազգացումը մեզ չխաբեց, որովհետև հազիվ երկու ժամ գնալուց հետո մերուց դաշտավայրը դուրս գալուց մենք մոտ հիսուն ձիավոր տեսանք, որ արագ֊արագ յորդա սուրում էին մեզ վրա։ Տեսնելով նրանց՝ մենք կանգ առանք՝ սպասելու։ Նրանք մոտ քշեցին ձիերը և, համոզվելով, որ մենք մավրեր չենք, որոնց նրանք որոնում էին, այլ աղքատ քրիստոնյաներ, ըստ երևույթին շփոթվեցին, և նրանցից մեկը հարցրեց, մեր պատճառով չէ՞ արդյոք մի հովիվ «ի զեն» կոչել։ «Այո», ― պատասխանեցի ես և ուզում էի նրան պատմել, թե որտեղից ենք մենք, ովքեր և ինչ է եկել մեր գլխով, բայց այդ րոպեին քրիստոնյաներից մեկը՝ մեր ուղեկիցը, ճանաչեց ձիավորին, որ մեզ հարց ու փորձ էր անում և, կտրելով խոսքս, բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Փառք տանք Աստծուն, որ մեզ այս երջանիկ աշխարհը բերեց, որովհետև, սինյորներ, եթե ես չեմ սխալվում, մենք քայլում ենք Վե՛լես Մա՛լագա<ref>Վե՛լես Մա՛լագա ― փոքրիկ քաղաք՝ գտնվում է Մալագայից 18 մղոն դեպի արևելք։</ref> քաղաքի հողի վրա։ Եվ եթե գերության տարիները տակավին չեն մթագնել իմ հիշողությունը, ապա դուք, սինյոր, որ հարցնում եք, թե ովքեր ենք մենք, Պեդրո դե Բուստամանտեն եք, իմ քեռին։ | ||
+ | |||
+ | Հազիվ էր գերին արտասանել այս խոսքերը, որ ձիավորը, ցած թռչելով ձիուց, գրկեց երիտասարդին և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Քրոջս տղա, հոգուս ու կյանքիս բերկրությունը, ճանաչում եմ քեզ։ Ե՛ս էլ, քո՛ւյրս էլ, քո մայրը և կենդանի մնացած բոլոր ազգականներդ ողբում էին քո մահը, բայց Աստված հաճեց երկարել նրանց օրերը, որպեսզի կարողանան ուրախանալ՝ հանդիպելով քեզ։ Մենք գիտեինք, որ դու Ալժիրում ես և քո, ինչպես նաև քո ուղեկիցների տեսքից ու զգեստից գլխի եմ ընկնում, թե ի՜նչ հրաշքով եք դուք փրկվել գերությունից։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես էլ է, ― պատասխանեց երիտասարդը, ― մենք դեռ ժամանակ կունենանք ամեն ինչ մանրամասնորեն պատմելու քեզ։ | ||
+ | |||
+ | Երբ որ մյուս ձիավորները լսեցին, որ մենք գերի քրիստոնյաներ ենք, վեր եկան ձիերից և առաջարկեցին մեզ իրենց ձիերը՝ Վե՛լես Մա՛լագա քաղաքը գնալու համար, որ մեկուկես մղոն հեռավորության վրա էր։ Ձիավորների մի մասը, իմանալով մեզնից, թե որտեղ ենք թողել մեր նավակը, գնացին նրա ետևից, որ քաղաք բերեն։ Մնացածները նստացրին մեզ իրենց գավակին։ Զորաիդան հեծավ մեր երիտասարդ գերու քեռու ձին։ Ամբողջ քաղաքը դուրս էր եկել մեզ դիմավորելու, որովհետև ձիավորներից մեկը, մեզնից շուտ հասնելով, արդեն մեր գալստյան լուրը հաղորդել էր։ Բնակիչներին այն չէր զարմացնում, որ իրենց առջև ազատված գերիներ են և գերված մավրեր, ― այս առափնյա բնակիչները սովոր էին թե՛ սրանց, թե՛ նրանց, ― ո՛չ, նրանք զարմացած մնացին Զորաիդայի գեղեցկությունից, որ առանձնապես փայլում էր այն րոպեին։ Երկար ճամփի հոգնածությունից և խնդությունից, որ վերջապես կատարելապես ապահով է և քրիստոնյա երկրում, նրա այտերը ալ կարմիր էին ներկվել։ Եվ, եթե սերը չի կուրացնում ինձ, ես կարող եմ հաստատել, որ ավելի չքնաղ արարած աշխարհս չէր տեսել, առնվազն, իմ աչքերը չէին տեսել։ | ||
+ | |||
+ | Մենք ուղղակի գնացինք եկեղեցի, փառք տալու Աստծուն մեզ արած շնորհի համար, և Զորաիդան ներս մտնելով ասաց, որ նա տեսնում է Լելա Մարիենին նմանող դեմքեր։ Մենք նրան բացատրեցինք, թե դրանք սուրբ կույսի սրբապատկերներն են, և դավանափոխը աշխատեց, ինչպես կարող էր, հասկացնել՝ ինչ կնշանակի դա և ինչու նա պիտի պաշտի դրանց այնպես, ինչպես եթե յուրաքանչյուր պատկեր ճշմարտապես Լելա Մարիեն լիներ, որ իր հետ խոսել է։ Զորաիդայի միտքը սուր էր և, բնականից արագ ու պայծառ խելքի տեր լինելով, լուսապատկերների մասին ինչ որ ասվեց՝ հեշտ յուրացրեց։ Ապա մեզ տարան ու տեղակեցին զանազան տներում, իսկ Զորաիդային, ինձ ու դավանափոխին մեր ուղեկից գերին իր ծնողների տունը տարավ, որոնք, բավական ունևոր մարդիկ լինելով, մեզ ոչ պակաս սիրով ընդունեցին, քան իրենց սեփական որդուն։ | ||
+ | |||
+ | Վեց օր մենք մնացինք Վելեսում, ապա թե դավանափոխը, հավաքելով բոլոր տեղեկանքները, գնաց Գրանադա քաղաքը, որպեսզի այնտեղ, սուրբ ինկվիզիցիայի միջոցով վերադառնա սուրբ եկեղեցու ծոցը։ Մնացած ազատված քրիստոնյաները գնացին ուր որ ամեն մեկը կամեցավ։ Մնացինք մենակ ես ու Զորաիդան, և մոտներս այն էսկուդոներն էին մնացել, որ Զորաիդան պարտական էր ֆրանսիացու սիրալիրության։ Այդ փողով ես գնեցի այն ձին, որով նա եկավ այստեղ։ Մինչև հիմա ես նրա համար հայր ու զինակիր եմ եղել, բայց ոչ ամուսին, և մենք գնում ենք ծննդավայրս՝ իմանալու՝ կենդանի՞ է արդյոք հայրս և ավելի հաջողակ չի՞ եղել եղբայրներիցս մեկն ու մեկը, քան թե ես։ Թեև, ասենք, ինձ թվում է, թե բախտը, ինձ համար Զորաիդային կենակից առաքելով, չէր կարող ավելի մեծ ու թանկագին բարիք նվիրել։ Զորաիդան այնպիսի համբերությամբ է տանում զրկանքները, որ բխում են աղքատությունից և այնքան սաստիկ է ցանկանում քրիստոնյա դառնալ, որ ես, հիացումով լեցուն, պատրաստ եմ ծառայելու նրան մինչև օրերիս վախճանը։ Սակայն ուրախությունը, որ ես զգում եմ այն մտքից, թե ես պատկանում եմ նրան, իսկ նա՝ ինձ, թունավորում ու սևանում է, որովհետև ես չգիտեմ՝ արդյոք ծննդավայրումս կգտնվի՞ մի անկյուն, որտեղ ես բնակվեի նրա հետ։ Կարող է պատահել, որ հայրս ու եղբայրներս կենդանի մնացած չլինեն կամ թե չէ այս ժամանակամիջոցում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որ ինձ դիմավորող մարդ մնացած չլինի։ | ||
+ | |||
+ | Ահա և իմ ամբողջ պատմությունը, սինյորներ։ Ինքներդ դատեցեք, թե որքան երևելի ու հաճելի է։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ ես կկամենայի ձեզ ավելի կարճառոտ պատմած լինել, թեև ձեզ ձանձրացնելու երկյուղը առանց այն էլ ստիպեց ինձ մի քանի մանրամասներ դուրս գցելու։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLII== | ||
+ | |||
+ | Ուր պատմվում է, թե ինչ պատահեց իջևանում և շատ ուրիշ հիշարժան բաներ | ||
+ | |||
+ | |||
+ | Գերին լռեց, իսկ դոն Ֆերնանդոն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ճշմարտապես, սինյոր կապիտան, ձեր զարմանալի արկածների պատմելու արվեստը հավասար է նրանց արտասավորության։ Ձեր պատմությունը՝ հազվագյուտ, արտասովոր, անակնկալներով լի, հիացնում ու հափշտակում է ունկնդիրներին։ Ձեր զրույցից ստացած մեր հաճույքը այնքան մեծ է, որ եթե անգամ մինչև արշալույս տևելու լիներ, այդ դեպքում էլ մենք պատրաստ կլինեինք լսել սկզբից մինչև վերջ։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերից հետո դոն Ֆերնանդոն, Կարդենիոն և բոլոր մնացյալները սկսեցին առաջարկել գերուն իրենց ծառայությունը այնպիսի սրտագին ու անկեղծ արտահայտություններով, որ կապիտանը զգացվեց նրանց բարեկամական պատրաստակամությունից։ Մասնավորապես դոն Ֆերնանդոն առաջարկեց գերուն գնալ իր հետ, խոստանալով այնպես սարքել, որ իր եղբայր մարկիզը Զորաիդայի կնքահայրը լինի, իսկ ինքն իր հերթին ամեն անհրաժեշտ բան կանի, որպեսզի կապիտանը կարողանա վերադառնա իր կողմերը պատվով ու միջոցներով, ինչպես վայել է նրա կոչմանը։ Գերին սիրալիր շնորհակալություն հայտնեց այդ բոլոր վեհանձն առաջարկությունների համար, սակայն նրանցից ոչ մեկը չընդունեց։ | ||
+ | |||
+ | Մինչ այս, մինչ այն, արդեն գիշերը վրա էր հասել և երբ բոլորովին մթնել էր, պանդոկի մոտ կանգ առավ մի կառք՝ շրջապատված մի քանի ձիավորներով։ Նրանք սենյակ պահանջեցին, իսկ պանդոկպանի տանտիկինը պատասխանեց, թե ողջ հյուրանոցում ոչ մի ազատ անկյուն չկա։ | ||
+ | |||
+ | ― Ինչ ուզում է լինի, ― հայտարարեց ձիավորներից մեկը, ― իսկ սինյոր աուդիտորի<ref>Աուդիտոր ― դատավորի վաղեմի կոչումը (անունը)։</ref> համար, որին մենք ուղեկցում ենք, մի տեղ կգտնվի։ | ||
+ | |||
+ | Այդ որ լսեց տանտիկինը, շփոթվեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Բանն այն է, սինյոր, որ մենք ոչ մի մահճակալ չունենք, բայց եթե նորին ողորմածություն սինյոր աուդիտորը, ինչպես ես ենթադրում եմ, հետը բերել է իր անկողինը, ապա խնդրում եմ՝ համեցեք։ Նորին ողորմածությանը հաճելի լինելու համար մենք՝ ամուսնուս հետ, կզիջենք նրան մեր սենյակը։ | ||
+ | |||
+ | ― Շատ բարի, ― ասաց ձիապանը։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին կառքից արդեն դուրս էր եկել մի մարդ, որի զգեստից կարելի էր իսկույն հետևցնել նրա աստիճանի և կոչումի մասին։ Նրա երկար քղամիդը և ծալքավոր թևերը ցույց էին տալիս, որ ծառան ճշմարիտ էր ասել և, որ նա, իրոք, աուդիտոր էր։ Նա բռնել էր մի տասնվեց տարեկան, ճամփորդական հագուստ հագին աղջկա ձեռքից՝ այնքան սիրունիկ, ազնիվ ու նրբին, որ նրա տեսքից բոլորը հիացած մնացին։ Եվ եթե նրանք նախքան այդ տեսած չլինեին Դորոթեային, Լյուսինդային և Զորաիդային, ապա, անշուշտ, կվճռեին, թե դրա պես մի ուրիշ գեղեցկուհի դժվար թե գտնվի աշխարհիս երեսին։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը, որ դիտում էր աուդիտորի և աղջկա գալուստը, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունն աներկյուղ կարող է ներս մտնել և տեղավորվել այս դղյակում։ Ճիշտ է՝ նեղ ու անհարմար կլինի, բայց աշխարհիս երեսին չկա այնպիսի նեղվածություն ու անհարմարություն, որ չնահանջեին ռազմական արվեստի և գիտությանց դեմ, մանավանդ երբ ռազմական արվեստի և գիտությանց մունետիկը գեղեցկությունն է։ Ձերդ ողորմածության գիտնականությանը նախորդում է այդ աղջկա գեղեցկությունը, որի առջև ոչ միայն դղյակները պիտի բացվեն, այլ փլչեն ժայռերը, ճաքեն ու ճեղքվեն լեռները, որ նրան արժանավոր կերպով ընդունեն։ Դե, ներս մտեք այս դրախտը, ձերդ ողորմածություն, որտեղ դուք արև ու աստղեր կգտնեք, որոնք կզարդարեն երկինքը, որ դուք բերել եք հետներդ։ Այստեղ դուք կգտնեք ռազմական արվեստը իր ողջ փայլով և գեղեցկությունը՝ կատարելության մեջ։ | ||
+ | |||
+ | Աուդիտորը, զարմացած դոն Կիխոտի ճառերից, սկսեց ուշի֊ուշով զննել նրան, և ասպետի արտաքինը նրան ոչ պակաս զարմացրեց, քան խոսքերը։ Սակայն նախքան նա պատասխանելու բան գտավ, նա կրկին զարմացած մնաց, երբ որ նրա առջև երևան եկան Լյուսինդան, Դորոթեան և Զորաիդան, որոնք, տեղեկանալով նոր հյուրերի գալստյան մասին և տանտիկնոջից լսելով չքնաղ անծանոթուհու մասին, դուրս էին եկել, որ դիմավորեն և տեսնեն նրան։ Նույն պահին դոն Ֆերնանդոն, Կարդենիոն ու քահանան նուրբ ձևերով ու քաղաքավարությամբ սկսեցին առաջարկել աուդիտորին իրենց ծառայությունը։ Վերջ ի վերջո սինյորը ներս մտավ, սաստիկ շփոթված տեսածից ու լսածից, և պանդոկում հավաքված գեղեցկուհիները ողջունեցին չքնաղ ճամփորդուհուն։ Աուդիտորն, իհարկե, չէր կարող չնկատել, որ նրան շրջապատող մարդիկ բոլորն էլ ազնվական ծագում ունեին։ Բայց դոն Կիխոտի արտաքինը, դեմքն ու շարժումները նրան տարակուսանքի մեջ էին գցում։ Բազմաթիվ սիրալիր առաջարկներ փոխանակելուց և շենքը նայելուց հետո մեր հասարակությունը մնաց իր նախկին որոշման վրա, այն է՝ բոլոր տիկինները պետք է գիշերեին արդեն հիշատակված սենյակում, իսկ տղամարդիկ մնային սրահում և նրանց անդորրը պահպանեին։ Աուդիտորը թույլ տվեց դեռատի աղջկան (որ իր դուստրն էր) տեղավորել մնացյալ տիկինների հետ, և աղջիկն ընդունեց այդ ամենայն սիրով։ Պանդոկպանի մահճակալն ու աուդիտորի անկողնի կեսն իրար կցելով՝ տիկինները գիշերելու ավելի հարմար տեղ գտան, քան ենթադրում էին։ | ||
+ | |||
+ | Հենց որ գերին տեսավ աուդիտորին, նրա սիրտը բաբախեց, որովհետև նրան թվաց, որ նրա մեջ ճանաչեց իր եղբորը։ Նա հարցրեց ծառաներից մեկից, թե ինչպես է նրա տիրոջ անունը և չգիտի՞ նա արդյոք՝ որն է նրա ծննդավայրը։ Ծառան պատասխանեց, որ իր տերը լիցենցիատ Խուան Պե՛րես դե Վիեդման է և որ նրա ծննդավայրը, կարծյոք, ինչ֊որ փոքրիկ ավան է Լեոն լեռներում։ Այս տեղեկությունը սեփական աչքերով տեսածի հետ, վերջնականապես համոզեց նրան, թե աուդիտորը իր եղբայրն է, որ հետևել է հոր խորհուրդին և գնացել է գիտնականի ճամփով։ Հուզված և ուրախացած՝ գերին մի կողմ կանչեց դոն Ֆերնանդոյին, Կարդենիոյին և քահանային և հաղորդեց նրան պատահածի մասին՝ հավատացնելով նրանց, որ աուդիտորը իր հարազատ եղբայրն է։ Ծառան պատմեց նույնպես, որ աուդիտորը պաշտոն է ստացել Ամերիկայում, Մեքսիկայի գավառում, որ հետը ճամփորդող աղջիկը նրա դուստրն է, որը ծնվել է մոր կյանքի գնով։ Կինը մեծ օժիտ է բերած եղել հետը, և հիմա նա շատ հարուստ է։ Գերին բարեկամներից խորհուրդ խնդրեց, թե ինչպես բացվի եղբոր առջև, և ավելի լավ չէ՞ր լինի արդյոք նախապես իմանալ՝ կընդունի իրեն գրկաբա՞ց, թե՞, ընդհակառակը՝ կամաչի՝ տեսնելով եղբորը աղքատ վիճակում։ | ||
+ | |||
+ | ― Թողեք, որ ես անեմ այդ փորձը, ― ասաց քահանան, ― նամանավանդ, որ ես հեռու եմ այն մտքից, որ ձեր եղբայրը կարող է վատ ընդունել ձեզ։ Որովհետև նրա բոլոր վարվեցողության մեջ այնքան ազնվություն է երևում և խելամտություն, որ բնավ չի կարելի կասկածել նրան գոռոզության ու անսրտության մեջ՝ անշուշտ, նա ունակ կլինի ըմբռնելու բախտի փոփոխականությունը։ | ||
+ | |||
+ | ― Ես դարձյալ կկամենայի, ― առարկեց կապիտանը, ― ո՛չ թե անմիջապես բացվել, այլ զարտուղի ճանապարհով։ | ||
+ | |||
+ | ― Կրկնում եմ, ― պատասխանեց քահանան, ― ես այնպես կանեմ, որ մենք բոլորս էլ գոհ մնանք։ | ||
+ | |||
+ | Մինչ այս, մինչ այն, ընթրիքը բերին և բոլորը բոլորեցին սեղանի շուրջը, բացի գերուց ու տիկիններից, որոնք առանձին էին ընթրում իրենց սենյակում։ Ընթրիքի միջոցին քահանան ասաց․ | ||
+ | |||
+ | ― Կոստանդնուպոլսում, որտեղ ես գերության մեջ եմ մնացել մի քանի տարի, մի բարեկամ ունեի, որ կոչվում էր այնպես, ինչպես և ձերդ ողորմածությունը, սինյոր աուդիտոր։ Իսպանական բովանդակ բանակում նա ամենաարի զինվորն ու կապիտանն էր, բայց նրա ուժն ու արիությունը հավասար էին նրա դժբախտություններին։ | ||
+ | |||
+ | ― Իսկ այդ կապիտանի անունն ի՞նչ էր, ― հարցրեց Աուդիտորը։ | ||
+ | |||
+ | ― Նրա անունը, ― պատասխանեց քահանան, ― Ռուի դե Վիեդմա էր, ծննդավայրը ինչ֊որ ավան Լեոնի լեռներում։ Նա ինձ արեց իր հոր ու երկու եղբայրների պատմությունը, այն տեսակ մի պատմություն, որ եթե հավատացած չլինեի բարեկամիս ճշմարտախոսության մեջ, ես հեքիաթ կհամարեի՝ օջախի շուրջը ձմեռ ժամանակ պառավ կանանց պատմածների պես։ Նրա հայրը բաժանած է եղել իր ամբողջ կարողությունը երեք որդիների միջև և Կատոնից առավել իմաստուն խորհուրդներ տվել։ Իմ բարեկամը ռազմական ուղի էր ընտրել և այնպես հաջողել, որ մի քանի տարվա ընթացքում, միմիայն իր արիության ու քաջության շնորհիվ, միմիայն իր արժանիքների օգնությամբ հետևակ զորքի կապիտանի աստիճանի էր հասել և նա գնդապետ կարգվելու ճիշտ ճամփի վրա էր։ Սակայն այն իսկ վայրկյանին, երբ նա հաջողության հույս ուներ, բախտը դավաճանեց նրան՝ նա կորցրեց բախտը, հետն էլ ազատությունը ա՛յն օրհնված օրը, երբ շատերը ձեռք բերին, խոսքս՝ Լեպանտոյի ճակատամարտի մասին է։ Ես գերի ընկա Գոլետայում և հետագայում, չարքաշ կյանքից հետո բախտը մեզ միացրեց Կոստանդնուպոլսում։ Այստեղից նա ընկավ Ալժիր, որտեղ պատահեց աշխարհիս երեսին տեղի ունեցած դեպքերից ամենաարտասովորը։ | ||
+ | |||
+ | Շարունակելով իր պատմությունը՝ քահանան սեղմ ու կարճառոտ հաղորդեց աուդիտորին այն ամենը, ինչ պատահել էր նրա եղբոր ու Զորաիդայի միջև։ Աուդիտորը լսում էր այնպիսի ուշադրությամբ, որ կարծես թե երբեք աուդիտոր եղած չլիներ բառիս լիակատար իմաստով։<ref>Աուդիտոր իսպաներեն ասվում է oidor, բառացի՝ «ուշադրությամբ լսող»։</ref> Քահանան հասավ մինչև այն տեղը, երբ ֆրանսիացիք կողոպտեցին մեր փախստականներին նավակում և նկարագրեց, թե ինչ չքավորության և աղքատության մեջ մնացին նրա բարեկամն ու չքնաղ մավրիտանուհին։ Իսկ թե ինչ է եղել հետո ― հաջողվե՞լ է արդյոք նրանց հասնել Իսպանիա, թե՞ ֆրանսիացիք տարել են հետները Ֆրանսիա ― մնում է անհայտ։ | ||
+ | |||
+ | Գերին, կանգնած մեկուսի, լսում էր քահանայի զրույցը և ուշադիր հետևում իր եղբոր շարժումներին։ Վերջինս, համբերելով մինչև պատմության վերջը, խոր հոգվոց քաշեց և արտասվաթոր աչքերով բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք իմանայի՜ք, սինյոր, թե ի՜նչ կարևոր լուրեր հաղորդեցիք դուք ինձ և ինչ խորը զգացված եմ ես։ Տեսնում եք, չնայած իմ բոլոր ցանկության՝ զուսպ ու հանգիստ մնալու, արցունքը մատնում է հուզմունքս։ Այդ քաջ կապիտանը, որի մասին դուք պատմեցիք, իմ ավագ եղբայրն է, ավելի արի, քան ես և մյուս եղբայրս և առավել վեհ մտածողության մարդ։ Նա ընտրեց պատվավոր և փառավոր ռազմական արվեստը, ― մեր հոր առաջարկած երեք ասպարեզներից մեկը, ― ինչպես դուք տեղյակ եք ձեր բարեկամի (ձեր ասելով հեքիաթանման) պատմությունից։ Ես գնացի գիտական ուղիով, Աստծու օգնությամբ և իմ ջանասիրության շնորհիվ հասա այն կոչմանը, որ ներկայիս ունեմ։ Իսկ իմ կրտսեր եղբայրը ապրում է Պերու, որտեղ նա այնքան հարստացել է, որ ինձ ու հորս նրա ուղարկած փողերով նա ոչ միայն հատուցեց մի ժամանակ ստացած բաժինը, այլ հորս հնարավորություն տվեց երևան բերելու իրեն հատուկ առատաձեռնությունը, իսկ ինձ՝ վայելուչ և առանց պակասություն ապրելու՝ զբաղված գիտություններով և հասնելու պաշտոնի, որ ներկայիս ես ունեմ։ Հայրս կենդանի է, բայց մեռած է իմանալու համար, թե ինչ եղավ իր առաջնեկը և անխոնջ աղոթք է առաքում Աստծուն, որ մահը միջոց տա, մինչև որ տեսնի իր աչքի լույս տղին և ապա փակի իր աչքերը։ Մեկ բան է միայն զարմացնում ինձ՝ ինչո՞ւ իմ եղբայրը, այնքան խոհեմ լինելով, ոչ մի անգամ հորս չգրեց իր հաջողությունների մասին և ո՛չ էլ տառապանքների։ Չէ՞ որ եթե հայրս կամ մեզնից մեկն ու մեկը իմանար նրա գերության մասին, կարիք չէր լինի, որ նա սպասեր հրաշք եղեգին՝ փրկանք ստանալու համար։ Իսկ հիմա ինձ տագնապի մեջ է գցում այն միտքը, թե ֆրանսիացիք բա՞ց են թողել նրան, թե՞ սպանել՝ կողոպուտը թաքցնելու համար։ Ահա թե ինչու ես անուրախ եմ շարունակելու ուղիս, խնդությամբ սկսեցի և վիշտ ու ցավով եմ շարունակելու։ Օ՜, իմ բարի եղբայր, եթե ես իմանայի, թե որտեղ ես դու հիմա, ես կգտնեի քեզ և կազատեի քո տառապանքից անգամ սեփական տառապանքների գնով։ Օ՜, եթե մեկն ու մեկը ծեր հորս լուր բերեր, թե դու կենդանի ես ― անգամ եթե դու Բերբերիայի ամենաթաքուն խորխորաթներում լինեիր, ― հորս հարստությունը և իմը քեզ դուրս կբերեին այնտեղից։ Օ՜, չքնաղագեղ և վեհանձն Զորաիդա, ո՜վ կվարձատրի քեզ՝ եղբորս մատուցած շնորհների համար։ Ի՜նչ երջանիկ կլինեինք մենք՝ ներկա լինելով քո հոգու վերածնությանը<ref>Այսինքն՝ «նրա մկրտության ժամանակ»։</ref> և քո հարսանիքին։ | ||
+ | |||
+ | Երկար֊երկար աուդիտորը խոսեց այս եղանակով՝ տխրած եղբորից առած լուրերից, բոլորն ունկնդրում էին նրան առանց իրենց կարեկցության զգացմունքը զսպել կարենալու։ Վերջապես քահանան, տեսնելով, որ իր ծրագիրը միանգամայն հաջողել է և որ կապիտանի ցանկությունը կատարված է, վճռեց, որ ժամանակ է նրանց ընդհանուր վիշտն ընդհատելու։ Նա վեր կացավ տեղից և, մտնելով սենյակ, որտեղ գտնվում էր Զորաիդան, բռնեց նրա ձեռքից։ Լյուսինդան, Դորոթեան և աուդիտորի աղջիկը հետևեցին նրանց։ Կապիտանն սպասում էր, թե հետո ինչ է անելու քահանան։ Վերջինս նրա ձեռքից էլ բռնեց և նրանց երկուսին տարավ այն սենյակը, որտեղ նստած էր աուդիտորը մնացած տղամարդկանց հետ։ | ||
+ | |||
+ | ― Սինյոր աուդիտոր, ― ասաց նա, ― այլևս լաց միք լինի։ Ձեր ցանկությունը պսակվում է աշխարհիս ամենամեծ բարիքով՝ ահա ձեր եղբայրը և բարի հարսը։ Ահա՝ կապիտան Վիեդման, ահա և չքնաղագեղ մավրիտանուհին, որ նրան այնքան բարիք է արել։ Ֆրանսիացիք, որոնց մասին ես ձեզ պատմեցի, նրանց թողել են թշվառական վիճակում, և դուք հիմա կարող եք դրսևորել ձեր բարի սրտի վեհանձնույթյունը։ | ||
+ | |||
+ | Կապիտանը նետվեց, որ գրկի եղբորը, իսկ սա մի քիչ հեռու կացավ, դնելով ձեռները նրա կրծքին, որպեսզի ավելի լավ տեսնի և, ճանաչելով, այնպես ամուր գրկեց և այնքան սրտաշարժ լաց եղավ ուրախությունից, որ ներկա գտնվողներից շատերը նրա հետ լացին։ Թե ինչ ասացին եղբայրներն իրար և ինչ զգացմուքներ արտահայտեցին ― թվում է, թե, ոչ թե նկարագրել, այլ երևակայել անգամ անհնար է։ Կարճառոտ խոսքերով նրանք պատմեցին իրար իրենց կյանքից և համոզվեցին իրենց եղբայրական սիրո անփոփոխության մեջ։ Ապա աուդիտորը գրկեց Զորաիդային և առաջարկեց նրան իր տանը տանտիկին լինել։ Ապա հրամայեց, որ իր դուստրն էլ գրկի նրան։ Ապա չքնաղ քրիստոնեուհին և չքնաղագույն մավրիտանուհին նորից ստիպեցին բոլորին արտասվել։ Իսկ դոն Կիխոտը ոչ մի բան չասելով, ուշի֊ուշով հետևում էր բոլոր այս արտասովոր անցքերին և մեկնում էր նրանց իր ասպետական ցնդաբանությունների ոգով։ Որոշվեց, որ կապիտանն ու Զորաիդան աուդիտորի հետ կմեկնեն Սևիլյա, այնտեղից կհաղորդեն հորը, թե որդին փախել է գերությունից և գտնվել է և կխնդրեն, որ, եթե հնարավոր է, գա Սևիլյա, Զորաիդայի մկրտության ու հարսանիքին ներկա լինելու համար, ― որովհետև աուդիտորի համար անկարելի էր ուշանալու ճամփին, քանի որ տեղեկություն էր ստացել, թե մեկ ամսից Սևիլյայից նավատորմիղ է մեկնելու Նոր Իսպանիա և բաց թողնել այդ առիթը նրա համար ծայր աստիճան անհարմար կլիներ։ | ||
+ | |||
+ | Բոլորը ուրախ և գոհ մնացին, որ գերու պատմությունը այսքան երջանիկ վախճանի հանգեց։ Մինչդեռ գիշերվա երեք քառորդն արդեն անցել էր, և որոշվեց մնացած ժամերը քնել ու հանգստանալ։ Դոն Կիխոտը ցանկություն հայտնեց պահպանել դղյակը, զգուշանալով, թե միգուցե որևէ հսկա կամ չարանենգ ոճրագործ, որի ագահությունը կարող էին գրգռել դղյակում պահված գեղեցկության մեծամեծ գանձերը, հարձակում գործի։ Դոն Կիխոտին բոլոր ճանաչողները շնորհակալություն հայտնեցին նրան և պատմեցին նրա տարօրինակությունների մասին աուդիտորին, որին մեծ զվարճություն պատճառեցին։ Միայն Սանչո Պանսան էր հուսահատված, որ բոլորն այդքան ուշ չեն պառկում քնելու և մենակ նա է մյուսներից ավելի հարմար տեղավորվել՝ մեկնվելով իր էշի սարքի վրա (մի բան, որ թանկ նստեց նրա վրա, ինչպես իր ժամանակին այդ պատմված կլինի)։ Տիկինները քաշվեցին իրենց սենյակը, տղամարդիկ տեղավորվեցին, ինչպես յուրաքանչյուրը կարողացավ, իսկ դոն Կիխոտը դուրս եկավ ճամփան, որպեսզի պահպանի դղյակը՝ համաձայն իր խոստման։ | ||
+ | |||
+ | Եվ ահա, քիչ էր մնացել մինչև լուսաբաց, տիկինների ականջին հասավ մի ձայն, այնքան անուշ, հնչալուր, որ նրանք բոլորն էլ ակամա սկսեցին ականջ դնել, մանավանդ՝ Դորոթեան, որ, անկարող լինելով քնել, պառկած էր օրիորդ Կլարա դե Վիդեմայի կողքին (այդպես էր կոչվում աուդիտորի աղջիկը)։ Ոչ ոք չէր կարող կռահել, թե ով է այդքան լավ երգում՝ ձայնը հնչում էր մենակ, առանց որևէ գործիքի նվագակցության։ Մեկ թվում էր, թե բակում են երգում, մեկ՝ գոմում։ Մինչդեռ զարմացած տիկինները ուշի֊ուշով ունկնդրում էին, նրանց դռանը մոտեցավ Կարդենիոն և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե դուք քնած չեք, ապա լսեցեք՝ երգում է ջորեպանը և, իսկապես, թովիչ է երգում։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, մենք լսում ենք, սինյոր, ― պատասխանեց Դորոթեան։ | ||
+ | |||
+ | Կարդենիոն հեռացավ, իսկ Դորոթեան, ամբողջապես լսողություն դառած, լսեց հետևյալ երգը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLIII== | ||
+ | |||
+ | Որ զրուցում է ջորեպանի հաճելի պատմությունը, պանդոկում պատահած այլ արտասովոր անցքերի հետ միասին | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Ես ծովային եմ, սիրո ծովային, | ||
+ | Եվ փոթորկալի ծովի հոսանքում | ||
+ | Թափառում եմ արդ, անհույս ու նկուն, | ||
+ | Որևէ մի տեղ կառչել պինդ հողին։ | ||
+ | |||
+ | Աստղ֊ուղեցույցով, ջրում հորդազեղ | ||
+ | Ես լողում եմ և տեսնում անայլայլ, | ||
+ | Որ միայն չքնաղ և ճաճանչափայլ | ||
+ | Պարինուրան է ամենից լուսեղ։ | ||
+ | |||
+ | Բայց ո՞ւր է գնում ուղիս, դեպի ո՞ւր, | ||
+ | Չգիտեմ, բայց ես, ծովում ալեկոծ | ||
+ | Ձգտում եմ դեպի նա ― ամբողջ հոգով, ― | ||
+ | Եվ սրտով անվիշտ, և սրտով տխուր։ | ||
+ | |||
+ | Եվ համեստությո՛ւնը իմ վրդովված, | ||
+ | Եվ քմահաճույքն իմ բարեսքող, | ||
+ | Ինձանից նրան, ինչպես թուղպի քող՝ | ||
+ | Տանում եմ նրա առաջ ծավալած։ | ||
+ | |||
+ | Օ՜, ճառագայթող ա՛ստըղ լուսատու՝ | ||
+ | Լուսավորում եմ հոգով լույսդ ես, | ||
+ | Եթե դու մի պահ քե դեմքը ծածկես՝ | ||
+ | Հոգուս կլինի պահըդ մահացու։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Երբ երգիչը հասավ այս տեղին, Դորոթեան խորհեց, թե պետք չէ զրկել Կլարային այդպիսի չքնաղ ձայն լսելու հաճույքից և սկսեց նրան արթնացնել, թափահարելով նրա ուսը։ | ||
+ | |||
+ | ― Ների՛ր, մանկիկս, ― ասաց նա, ― որ քեզ արթնացնում եմ, բայց ուզում եմ, որ դու վայելես ձայնի հնչյունները, որից ավելի սիրունը, հավանաբար, դու քո օրում այլևս չես լսի։ | ||
+ | |||
+ | Կլարան զարթնեց և սկզբում, քնաթաթախ, չհասկացավ, թե ինչ է ասում Դորոթեան, և երբ որ Դորոթեան կրկին բացատրեց բանի էությունը, Կլարան սկսեց ականջ դնել։ Հազիվ էր երգի երկու տողը լսել, որ երիտասարդը շարունակում էր երգել, որ բռնվեց սաստիկ դողով, ասես թե ջերմի տենդի մեջ ընկած լիներ։ Նա ամուր հպվեց Դորոթեային և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, հոգուս ու կյանքիս տիկինդ, ինչո՞ւ ինձ արթնացրիք։ Ինձ համար հիմա ամենամեծ բարիքը կլիներ աչք ու ականջս փակել՝ այդ դժբախտ երգչին չտեսնելու և չլսելու համար։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչ ես խոսում, մանկիկս։ Ասում են, թե երգիչը ինչ֊որ ջորեպան է։ | ||
+ | |||
+ | ― Ոչ, նա բազմաթիվ կալվածների և իմ սրտում փոքրիկ մի անկյունի տերն է։ Նա այնքան հաստատ է տիրում իմ սրտում, որ առհավետ տեր էլ կմնա, եթե ինքը չկամենա լքել։ | ||
+ | |||
+ | Դորոթեան սաստիկ զարմացավ աղջկա սահուն ոճից․ նրան թվաց, թե աղջիկը ավելի է զարգացել իր տարիքի համեմատ, ուստի ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սինյորա, Կլարա, այնպես բացատրեցեք, որ ես բան հասկանամ, պարզ ասացեք ինձ սրտի, կալվածների և երգչի մասին, որի ձայնը ձեզ այնպիսի շփոթմունքի մեջ է գցում, ձեր ասելն ի՞նչ կնշանակի։ Ասենք, հիմա միք խոսի, թեև ես պատրաստ եմ օգնության հասնելու ձեր տագնապին, սակայն չեմ ուզում երգչին լսելու հաճույքից զրկվել՝ նա, կարծես, նոր երգ նոր ձայնով սկսելու վրա է։ | ||
+ | |||
+ | ― Շատ բարի, ― պատասխանեց Կլարան, և երգը չլսելու համար երկու ձեռքով փակեց ականջները։ Դորոթեան, որին այդ բանը զարմացրեց, սկսեց ունկնդրել երգին և լսեց հետևյալը․ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Ո՜վ իմ հույս ու ապավեն, | ||
+ | Որ անցնում ես թավուտներով, վիհերով | ||
+ | Ու քայլում ես վեհորեն | ||
+ | Քեզ կախարդող շավիղներով ծաղկաթով, | ||
+ | Օ՜, թող հոգիդ չսոսկա, | ||
+ | Որ ամեն քայլ կարող է քեզ բերել մահ։ | ||
+ | |||
+ | Ծույլին բաժին չեն ընկնի | ||
+ | Հաղթանակներ, հաղթահանդես փառահեղ, | ||
+ | Նա բախտավոր չի լինի, | ||
+ | Ում չեն կոփել փորձությունները ահեղ, | ||
+ | Ով հավատ է ընծայում | ||
+ | Ծուլությանը, որից սիրտն է թառամում։ | ||
+ | |||
+ | Ամուրն ինքն էլ շարունակ | ||
+ | Վայելքներն է ամեն ինչից վեր դասել, | ||
+ | Ամենաթանկ ու միակ | ||
+ | Իր գանձն է այդ, ուրիշ գանձ չի երազել։ | ||
+ | Այդպես է միշտ աշխարհում, | ||
+ | Արժեք չունի, ինչ որ էժան է տրվում։ | ||
+ | |||
+ | Համադրությունը սիրո | ||
+ | Ընդունակ է սխրանքների անհնար։ | ||
+ | Արքայության հետ սիրո | ||
+ | Թող իմ ոգին մենամարտի քաջաբար, | ||
+ | Գիտեմ, ոգով իմ արի | ||
+ | Ես կհասնեմ ոլորտներին աստղերի։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Երգը վերջացավ և Կլարան նորից հեկեկաց։ Դորոթեայի հարցասիրությունը բորբոքվեց և, կամենալով իմանալ այնքան քաղցր երգի ու այնքան դառը լացի պատճառը, սկսեց հարց ու փորձ անել, թե ինչ են նշանակում Կլարայի խոսքերը։ Վերջինս, երկյուղ կրելով, թե մի գուցե Լյուսինդան լսի, ամուր գրկեց Դորոթեային և հպեց իր շուրթը նրա ականջին։ Վստահ, որ ուրիշն իրեն չի լսի, նա սկսեց այսպես․ | ||
+ | |||
+ | ― Այն մարդը, որ հիմա երգեց, տիրուհի, Արագոնի թագավորության մի կաբալյերոյի հարազատ զավակն է, երկու կալվածքի տիրոջ, որի տունը մայրաքաղաքում հորս տան դեմուդեմ է։ Եվ թեև հայրս ձմեռը միշտ փակում էր լուսամուտները քաթանե վարագույրներով, իսկ ամառը փայտե ցանցակերպ փեղկերով․․․ չգիտեմ, թե ինչպես եղավ՝ մի անգամ այդ երիտասարդը, որ սովորում էր դպրոցում, ինձ տեսավ ― գուցե՝ եկեղեցում, գուցե՝ այլ տեղ։ Մի խոսքով՝ նա ինձ սիրեց և սկսեց բացատրել ինձ այդ իր տան լուսամուտից զանազան և անթիվ նշանների միջոցով, և ես նրան հավատացի և նույնպես սիրեցի նրան, թեև դեռևս չգիտեի, թե նա ինձնից ինչ է ուզում։ Ի թիվս այդ նշանների, նա ուներ մի այսպիսին՝ մեկ ձեռքով բռնում էր մյուսը՝ կամենալով դրանով ցույց տալ, թե ուզում է ամուսնանալ ինձ հետ։ Ես շատ ուրախ կլինեի, եթե այդ տեղի ունենար, բայց որովհետև ես մենակ էի ապրում, առանց մորս, և մարդ չկար, որին ես բացվեի, ապա նրան ոչ մի շնորհ չէի անում, այն բացառությամբ, որ երբ հայրս տանը չէր լինում և նրա հայրն էլ էր բացակայում, ես մի քիչ բաց էի անում վարագույրը կամ փեղկերը, և նա կարողանում էր ինձ տեսնել ամբողջ հասակովս։ Նա այնպիսի թափով էր արտահայտում իր ուրախությունը, որ թվում էր, թե խելագարվելու վրա է։ Վրա հասավ հորս մեկնելու ժամանակը, և նա բանն ինձնից իմացավ, որովհետև ես նրան հաղորդելու ոչ մի հնար չունեի։ Ես լսեցի, թե նա դարդից հիվանդացել է, այնպես որ մեր մեկնելու օրը ես նրան չտեսա և անգամ հայացքով նրան հրաժեշտ չտվի։ Սակայն երկու օրվա ճամփից հետո, մոտենալով մի գյուղական իջևանի, որ այստեղից մեկ օրվա ճամփի վրա է, ես նրան տեսա դարպասի մոտ։ Նա այնքան ճարպկորեն էր ջորեպանի զգեստ հագել, որ եթե նրա պատկերը դրոշմված չլիներ իմ հոգում, անկարելի կլիներ ճանաչել։ Սակայն ես ճանաչեցի նրան, զարմացա և ուրախացա։ Նա հորիցս թաքուն նայեց ինձ։ Նա միշտ թաքնվում է հորիցս, երբ որ ճամփին կամ պանդոկում, որտեղ մենք իջևանում ենք, պատահում է մեզ։ Եվ որովհետև ես գիտեմ, թե ով է նա և հասկանում եմ, որ նա ոտով է ճամփորդում և այնպիսի դժվարություններով միմիայն սիրուց դեպի ինձ, ապա ես մեռնում եմ թախծից և աչքերով հետևում նրա յուրաքանչյուր քայլին։ Ես չգիտեմ, թե ինչ մտադրություններով է նա ուղեկցում մեզ և ինչպես է հաջողել իրեն ջերմագին սիրող հոր տնից փախչել, որովհետև նա միակ ժառանգն է և ընդհանրապես արժանի է սիրվելու, ինչպես ձերդ ողորմածությունը կհամոզվի, հենց որ տեսնի նրան։ Կավելացնեմ, որ բոլոր երգերը նա իրենից է հնարում, և նրա մասին ինձ ասել են, թե նա առաջադիմում է գիտությանց մեջ և շատ լավ բանաստեղծ է։ Այն էլ իմացեք, որ ամեն անգամ նրան տեսնելուց կամ նրա երգը լսելուց ես ամբողջ մարմնով դողում ու սարսափում եմ, որ հայրս նրան կճանաչի և կիմանա, մեր սերը։ Ես իմ օրում նրան մի խոսք ասած չկամ, այնուհանդերձ ես նրան այնքան սաստիկ եմ սիրում, որ չեմ կարող ապրել առանց նրան։ Ահա և բոլորը, տիրուհի, ինչ որ կարող եմ պատմել ձեզ երգչի մասին, որի ձայնը ձեզ այնքան հիացրել էր։ Միայն նրա երգից դուք կարող էիք կռահել, որ նա ոչ թե ջորեպան է, ինչպես ասում եք դուք, այլ կալվածների և սրտերի տեր, ինչպես ես ասացի ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Այդքանը բավական է, սինյորա դոնյա Կլարա, ― ընդհատեց նրան Դորոթեան՝ սփռելով նրա երեսին հազար համբյուր։ ― Կրկնում եմ, բավական է։ Սպասեցեք մինչև օրը բացվի և, հուսով եմ, մեր գործն այնպիսի ուղիով կընթանա, որ երջանիկ վախճանը կպսակի այդքան անարատ սկիզբը։ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, տիրուհի, ― ասաց դոնյա Կլարան, ― ես ինչպես՞ երջանիկ վախճան հուսամ, երբ նրա հայրը այնքան ազնվատոհմ ու հարուստ է, որ ոչ միայն իր որդուն թույլ չի տա ամուսնանալ ինձ հետ, այլ թույլ չի տա վերցնել ինձ իբրև սպասուհի։ Միաժամանակ ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի պսակվել նրա հետ իմ հորիցս ծածուկ։ Ես կկամենայի, որ այդ երիտասարդը վերադառնար տուն և ինձ հանգիստ թողներ։ Թերևս անջատումը և ահագին տարածությունը, որ կփռվի մեր միջև, մի քիչ կթեթևացնեն իմ հիմիկվա տառապանքը։ Ասենք, ես լավ գիտեմ, որ իմ խորհած դեղը շատ քիչ կօգնի ինձ։ Չգիտեմ, թե ինչ սատանայի մեղքն է և որտեղից եկավ մտավ մեջս այդ սերը։ Չէ՞ որ ես էլ եմ դեռևս այնքան երիտասարդ, նա էլ։ Մենք, կարծեմ, մի տարվա ծնունդ ենք, իսկ իմ տասնվեցն էլ դեռ չի լրացել, հայրս ասում է, թե ես տասնվեց տարեկան կդառնամ սուրբ Միքայելի օրը։ | ||
+ | |||
+ | Դորոթեան չկարողացավ ծիծաղը պահել՝ լսելով սինյորա Կլարայի մանկամիտ դատողությունները և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հանգստացեք, սինյորա, մինչև առավոտ, կարծեմ, քիչ է մնացել, իսկ վաղը, Աստված տա, մի բան կհնարենք ― ես կաշխատեմ ձեզ համար։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերից հետո նա քնեց և ողջ պանդոկն ընկղմվեց խորին լռության մեջ։ Քնած չէին միայն տանտիկնոջ աղջիկն ու Մարիտորնեսը, որոնք, ճանաչելով դոն Կիխոտի տարօրինակ բնույթը և տեսնելով, որ նա, պահակի պես, ձիով, սպառազինված պտտում է պանդոկի շուրջը, վճռել էին կատակ անել և առնվազն զվարճանալ նրա ցնդաբանություններից։ | ||
+ | |||
+ | Ողջ տունը ոչ մի լուսամուտ չուներ դեպի դաշտը, բացի դարմանատան լսանցքից, որտեղից ներս էին ածում դարմանը։ Մեր երկու կիսակույսերը<ref>Այն իմաստով, որ նրանցից օրիորդ էր միայն մեկը՝ տանտիրոջ աղջիկը։</ref> կանգնեցին այդ լսանցքի մոտ և տեսան դոն Կիխոտին ձիու վրա, հենված նիզակին, ժամանակ առ ժամանակ այնպիսի խոր ու ցավագին հոգվոց հանելիս, որ կարծես ամեն մի հոգվոցի հետ նրա սիրտը կտրատվում էր։ Եվ լսեցին նրանք, թե ինչպես նա քաղցր ու քնքույշ ձայնով ասում էր․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, տիրուհիդ իմ, Դուլսինեա Տոբոսցի, սահման ամեն գեղեցկության, ծայր ու եզր իմաստության, սրամտության բուն, անոթ առաքինության, մարմնացում վայելչության և խնդության աշխարհիս երեսին։ Ի՞նչ է անում հիմա քո ողորմությունը։ Չե՞ս մտաբերում դու արդյոք պատահմամբ քեզնով գերված ասպետին, որ հոժարակամ ենթարկում է ինքն իրեն այսքան վտանգների՝ միայն, միմիայն քեզ ծառայելու համար։ Օ՜, եռադեմ լուսատու,<ref>Եռադեմ լուսատու ― Լուսինը, որին հները հաճախ անվանում էին «եռադեմ» աստվածուհի, որը միացնում էր իր մեջ երեք առասպելական ասպեկտ՝ Լուսին, Դիանա և Հեկատա։</ref> լուր բեր ինձ նրանից։ Թերևս այս րոպեիս դու նախանձով նայում ես նրա դեմքին այն միջոցին, երբ նա ման է գալիս իր շքեղ պալատի պատշգամբում, կամ թե կրծքով հենած պատշգամբի մահաջարին՝ խորհում է, թե ինչ անի, որպեսզի առանց իր մեծությունն ու պատիվը նվաստացնելու մեղմացնի ցավերը, որոնց ենթարկվում է իմ սիրտը նրա՛ պատճառով։ Եվ խորհում է նա, թե ինչ վայելքներով պսակի նա ինձ տառապանքներիս համար, ինչ հույս ներշնչի հուսահատությանս համար, ինչ կյանք տա մահվանս փոխարեն, ինչ պարգև՝ ծառայությանս համար։ Եվ դո՛ւ, արև, որ շտապում ես նժույգներդ լծես, որպեսզի արշալույսին ընդառաջ ելնես իմ տիրուհուն, աղաչում եմ՝ երբ որ նրան տեսնես, ինձնից ողջույն տուր նրան։ Սակայն ողջագուրելով նրան՝ զգուշացիր համբուրել նրա դեմքը, թե չէ ես կխանդեմ ավելի, քան դու էիր խանդում արագոտն ու անզգա կույսին, որի ետևից քրտնաթոր վազ էիր տալիս Թեսսալիայի տափարակներով կամ Պենե՛ոյի ափերով (հաստատ չեմ հիշում, թե որ տեղում), սիրահարված ու խանդոտ։<ref>Սիրահարված ու խանդոտ ― ակնարկում է Ապոլլոնի մասին եղած առասպելը, Ապոլլոնի, որը իր սիրով հալածել է հավերժահարս Դաֆնային։</ref> | ||
+ | |||
+ | Երբ որ դոն Կիխոտը հասավ իր սրտառուչ ճառի այդ տեղին, տանտիկնոջ աղջիկը նրան կամացուկ կանչեց ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Բարի եղեք, ձերդ ողորմածություն, այստեղ գալ։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը գլուխը դարձրեց նրա ձայնին և լուսնի լույսով, որ ողողել էր շուրջը իր փայլով, տեսավ, որ մեկն իրեն կանչում է լսանցքից (լսանցքն էլ նրան մեծ լուսամուտ թվաց՝ ոսկեջրած վանդակով պատած, ինչպես լինում են հարուստ դղյակներում, որովհետև, ինչպես մենք գիտենք, նա պանդոկը դղյակի տեղ էր դնում) և նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ ինչպես և անցյալ անգամ, թե դղյակի տիրուհու չքնաղ դուստրը, կրքով բռնված, դարձյալ նրա սերն է հայցում։ Այդպես խորհելով և չկամենալով, որ իրեն անուշադիր կամ անքաղաքավարի համարեն, նա շուռ տվեց Ռոսինանտի գլուխը, մոտեցավ լուսանցքին և, դիմելով աղջիկներին, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Շատ ցավում եմ, սիրունագեղ սինյորա, որ դուք ձեր միտքը դարձրել եք մի մարդու վրա, որը չի կարող ձեզ չպատասխանել այնպես, ինչպես արժանի է ձեր սիրալիրությանն ու մեծամեծ արժանիքներին։ Սակայն դուք չպիտի մեղադրեք դժբախտ թափառական ասպետին, որովհետև սերը թույլ չի տալիս նրան ծառայել ոչ ոքի, բացի տիկնոջից, որ այն վայրկյանից, որ նրան տեսավ իր աչքերով, ― իր սրտի ինքնիշխան տիրուհին դառավ։ Ներեցեք ինձ, բարի սինյորա, հեռացեք ձեր սենյակը և միք հայտնի այլևս ինձ ձեր զգացմունքը, որովհետև այլ կերպ դուք ինձ հարկադրած կլինեք ավելի մեծ անքաղաքավարություն ցուցադրելու։ Սակայն եթե, չնայած ձեր սիրուն դեպի ինձ, կարող եմ որևէ այլ բանով, բացի սիրուցն իսկ, բավարարել ձեր ցանկությունը, ներեցեք ինձ և, երդվում եմ իմ բացակա քնքուշ թշնամու անունով, ես անհապաղ կկատարեմ ձեր խնդիրքը, անգամ եթե դուք ինձնից Մեդուզայի մազերից մի հյուս ուզենալու լինեք, որ հյուսված լիներ օձերից կամ թե սրվակի մեջ ներփակված արևի ճառագայթներ։ | ||
+ | |||
+ | ― Ոչ մի դրա պես բան իմ տիրուհուն պետք չէ, սինյոր ասպետ, ― ընդհատեց նրան Մարիտորնեսը։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ի՞նչ է պետք ձեր տիրուհուն, պարկեշտ տիկին, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Նա միայն խնդրում է, որ դուք մեկնեք իրեն ձեր գեղեցիկ ձեռներից մեկը, ― պատասխանեց Մարիտորնեսը, ― որովհետև նրան քսվելը կհանգստացնի կիրքը, որ դրդել է նրան, վտանգի ենթարկելով պատիվը, երևալ այս լուսամուտից։ Չէ՞ որ եթե նրա հայրը իմանա նրա վարմունքի մասին, առնվազն նրա ականջը կկտրի։ | ||
+ | |||
+ | ― Տեսնեմ, թե ինչպես կանի՜, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Եթե նա հանդգնի այդ անել, ապա նրան վրա կհասնի այնպիսի ցավալի վախճան, որ մինչև օրս իր սիրասուն դստեր քնքուշ անդամների վրա ձեռք բարձրացնել խիզախող ո՛չ մի հոր գլխին եկած չի եղել։ | ||
+ | |||
+ | Մարիտորնեսն, համոզվելով, որ դոն Կիխոտն իր խնդիրքը կկատարի և ձեռքը կմեկնի, իսկույն գլխի ընկավ, թե ինչ պիտի անի։ Նա ցած իջավ, վազեց գոմը, այնտեղից վերցրեց Սանչո Պանսայի էշի նոխտան և սաստիկ արագությամբ վերադարձավ այն րոպեին, երբ դոն Կիխոտը, երկու ոտով Ռոսինանտի թամքի վրա կանգնելով, ձգվել֊հասել էր վանդակապատ լուսամուտին, որի ետևը, ինչպես նա երևակայում էր, նստած էր սիրուց խոցված աղջիկը և արդեն մեկնել էր իր ձեռքն ու ասում․ | ||
+ | |||
+ | ― Ընդունեցեք, սինյորա, այս ձեռքը, կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, աշխարհիս բոլոր չարագործների այս խարազանը։ Կրկնում եմ՝ ընդունեցեք ձեռքը, որին դեռևս ոչ մի կին դիպած չկա, անգամ նա, որ անբաժան տիրում է իմ ամբողջ էությանը։ Ես նրա համար չեմ մեկնում ձեզ, որ դուք համբուրեք, ― ո՛չ․ նայեցեք ջիլերի հյուսվածքին, մկանունքների կազմվածքին, նրա երակների հաստությանն ու ամրությանը։ Ինքներդ դատեցեք՝ ի՜նչ ուժ պիտի ունենա այդպիսի թաթ ունեցող ձեռքը։ | ||
+ | |||
+ | ― Իսկույն մենք այդ կտեսնենք, ― պատասխանեց Մարի Տորնեսը։ Նոխտայի մեկ ծայրը հանգույց կապելով, նա գցեց դոն Կիխոտի ձեռքին, ապա, լսանցքից դեն վազելով, մյուս ծայրը կապեց դարմանատան դռան փակիչից։ Ցավ զգալով ձեռքը սեղմող թոկից՝ դոն Կիխոտն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, թե ձերդ ողորմածությունը ոչ թե շոյում է իմ ձեռքը, այլ քերիչ է քսում։ Այդպես դաժան միք վարվի։ Ձեռքս մեղավոր չէ, որ իմ սառնությունը ձեզ ցավ է պատճառում։ Պետք չէ ձեր ողջ զայրույթը թափեք իմ մարմնի այդքան փոքր մասի վրա։ Իմացած եղեք, որ ով սիրում է, նա չպիտի այդքան խիստ վրեժխնդիր լինի։ | ||
+ | |||
+ | Սակայն դոն Կիխոտի խոսքերը լսող չկար, որովհետև հենց որ Մարիտորնեսը նրան կապեց, երկու աղջիկն էլ փախան ծիծաղից մեռնելով և թողեցին նրան այնպիսի դրության մեջ, որ ազատվելու հնար չկար։ | ||
+ | |||
+ | Ինչպես մենք ասացինք, մեր ասպետը ողջ հասակովը մեկ կանգնած էր Ռոսինանտի վրա, ձեռքը կոխած լսանցքի մեջ, որ նոխտայով կապված էր դռան փակիչից։ Նա ահ ու դողի մեջ էր, որովհետև Ռոսինանտի թեթև շարժումից դեպի աջ կամ ձախ կողմը նա կախ կընկներ մեկ ձեռքի վրա, ուստի նա զգուշանում էր շարժվելուց և հույսն այն էր, որ Ռոսինանտը այնքան հանգիստ ու համբերատար է, որ կարող է դարերով անշարժ կանգնած մնալ։ Վերջապես, գլխի ընկնելով, որ իրեն կապել են և տիկինները գնացել, նա երևակայեց, թե այդ անցքում դարձյալ կախարդության մատը խառն է, ինչպես անցյալ անգամ, երբ որ նույն այս դղյակում նրան ջարդեց մի մավր, որ հրաշալի կերպով կերպարանափոխ եղավ և ջորեպան դառավ։ Դոն Կիխոտը սկսեց անիծել հապճեպությունն ու անխոհեմությունը՝ ինչո՞ւ է իջևանել երկրորդ անգամ մի դղյակում, երբ որ առաջին իսկ անգամը նա այնքան ցավալի դրության մեջ դուրս եկավ այնտեղից։ Չէ՞ որ թափառական ասպետության կանոնադրության մեջ ասված է, թե եթե որևէ ասպետի արկածն անհաջող է ավարտվում, ապա դա կնշանակի, որ ուրիշի համար է նախորոշված եղել և, հետևաբար, կարիք չկա այդ գործին նորից ձեռնամուխ լինել։ Խորհելով այդ՝ նա շարունակ քաշ էր տալիս ձեռքը՝ աշխատելով արձակել, բայց այնքան ամուր էր կապած, որ նրա բոլոր ճիգերը ապարդյուն անցան։ Ճիշտ է, նա ձեռքը զգույշ էր քաշում վախենալով, թե միգուցե Ռոսինանտը տեղից շարժվի։ Եվ թեպետ նա շատ կուզենար իջնել և նստել թամքին, բայց պետք է կամ կանգնած մնար կամ պոկեր ձեռքը։ | ||
+ | |||
+ | Նա սկսեց երազել Ամադիսի թրի մասին, որի դեմ անզոր են բոլոր կապքի խոսքերը։ Նա սկսեց անիծել իր բախտը։ Սկսեց դարդ անել այն վնասի համար, որ կհասնի աշխարհին իր բացակայության ժամանակ, և երբ նա կախարդված անց կկացնի այստեղ (իսկ որ նա կախարդված էր ― հաստատ համոզված էր)։ Նորից սկսեց մտաբերել իր սիրեցյալ Դուլսինեա Տոբոսցուն։ Սկսեց կանչել իր բարի զինակիր Սանչո Պանսային, որ այդ միջոցին, մեկնված էշի փալանի վրա, այնպիսի խոր քուն էր մտել, որ չէր հիշում նույնիսկ մորը, որ իրեն աշխարհ էր բերել։ Սկսեց կոչ անել իմաստուն Լիրզանդեոյի և Ալկիֆեի օգնության։ Իսկ երբ վերջապես առավոտը բացվեց, դոն Կիխոտն այնքան հուսահատվեց ու շշմեց, որ եզան պես բառաչեց, որովհետև այլևս հույս չուներ, որ լույսը բացվելուց հետո իր աղետը կավարտվի։ Նրան թվում էր, թե սաստիկ կախարդված է, և նրա տառապանքը կտևի առհավետ։ Այդ համոզումը նրա մեջ զորանում էր այլև այն պատճառով, որ Ռոսինանտը ամբողջ այդ ժամանակի ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ չերերաց և ահա, խորհում էր նա, վիճակվում է իրե՛ն էլ, ձիո՛ւն էլ այսպես կանգնած մնալ, առանց ուտելու, խմելու, քնելու, մինչև որ համաստեղությունների չար ազդեցությունը վերջանա կամ մինչև որ մի ուրիշ, ավելի իմաստուն կախարդ իրեն կախարդաթափ անի։ | ||
+ | |||
+ | Սակայն նա չարաչար սխալվում էր իր ենթադրություններում, որովհետև հենց որ լույսն սկսեց բացվել, իջևան եկան չորս ձիավոր՝ լավ հագնված, կարգ ու սարքը տեղը, թամքերի առջևից պատրույգավոր հրացան կախած։ Պանդոկի դուռը դեռ փակ էր, և եկվորներն սկսեցին ամուր բախել։ Դոն Կիխոտը, որ այնուհանդերձ շարունակում էր պահակի պարտականություն կատարելը, տեսավ նրանց և բարձր ու զայրացած ձայնով բղավեց․ | ||
+ | |||
+ | ― Ասպետնե՛ր, զինակիրնե՛ր, կամ ով որ եք, դադարեցեք այս դղյակի դուռը թակելուց։ Պարզ չէ՞ միթե ձեզ համար, որ այս վաղորդյան ժամին բնակիչները դեռ քնած են և որ ամրոցների դարպասները սովորաբար բացվում են ոչ առաջ, քան արևը սփռում է իր ճառագայթները երկրի վրա։ Գնացե՛ք և սպասեցե՛ք մինչև օրը բացվի, այն ժամանակ մենք կտեսնենք՝ պե՞տք է ձեզ ներս թողնել, թե՞ ոչ։ | ||
+ | |||
+ | ― Այս ի՞նչ սատանայի ամրոց կամ դղյակ է, ― ասաց ձիավորներից մեկը, ― և ի՞նչ արարողություններ կարող են լինել այստեղ։ Եթե դուք իջևանի տերն եք, կարգադրեցեք, որ դուռը բաց անեն, մենք ճամփորդներ ենք, պետք է ձիերին գարի տանք և շարունակենք մեր ուղին, մենք շատ շտապում ենք։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ձեզ, կաբալյերո, թվում է, թե ես նման եմ իջևանի տիրոջ, ― հարցրեց դոն Կիխոտը։ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, ումն եք նման, ― պատասխանեց ձիավորը, ― միայն գիտեմ, որ դատարկ բաներ եք դուրս տալիս՝ պանդոկը դղյակ անվանելով։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, սա դղյակ է, ― ասաց դոն Կիխոտը, ― այն էլ այս վայրերում լավագույններից մեկը, մեջն էլ մարդիկ կան, որ ձեռքին գայիսոն են կրել և գլխին թագ դրել։ | ||
+ | |||
+ | ― Ավելի լավ կլիներ, ― պատասխանեց ճամփորդը, ― ընդհակառակ՝ եթե գայիսոնը գլխին լիներ, իսկ թագը՝ ձեռին։<ref>Իսկ թագը՝ ձեռին, ― ակնարկ է այն մասին, որ հանցագործների ձեռքին թագի ձև ունեցող խարան էին դնում։</ref> Ըստ երևույթին, այդտեղ պարզապես դերասանական խումբ կա, որ, ինչպես հայտնի է, հաճախ թագ է ունենում, գայիսոն էլ, որովհետև ես չեմ կարծում, որ այսպիսի փոքրիկ, խորին լռության մեջ ընկղմված մի պանդոկում թագ ու գայիսոնի արժանի մարդիկ գիշերելիս լինեն։ | ||
+ | |||
+ | ― Վատ եք ճանաչում աշխարհս, ― առարկեց դոն Կիխոտը, ― եթե ձեզ անհայտ են թափառական ասպետներին պատահող արկածները։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի հետ խոսակցության բռնված ձիավոր ուղեկիցների զահլան վերջապես գնաց այդ վեճից, և նրանք նորից սկսեցին այնքան կատաղի դուռը բախել, որ պանդոկում բոլորը զարթնեցին, և տերը դուրս եկավ իմանալու, թե ով է դուռը թակում։ Այդ միջոցին ձիվորների չորս ձիերից մեկը մոտեցավ և սկսեց հոտոտել Ռոսինանտին, որ ականջները կախ արած, տխուր ու մտազբաղ և անշարժ պահում էր իր կախ ընկած տիրոջը։ Սակայն թեև նա փայտ էր թվում, այնուամենայնիվ, նրա երակներում արյուն էր հոսում։ Նա անզգա չմնաց փաղաքշանքին և իր հերթին ձգվեց, բարեկամին հոտոտելու համար։ Սակայն հենց որ նա թեթև շարժում արեց, դոն Կիխոտի ոտները տեղաշարժ եղան և սահեցին թամքից, այնպես որ նա գետին կթրմփար, եթե կախ ընկած չմնար նոխտայից։ Նա իսկույն սարսափելի ցավ զգաց, ասես թե նրա թաթը կտրելիս լինեին կամ թե ձեռքը պոկելիս՝ ուսից։ Նա այնքան մոտիկ էր կախվել գետնից, որ ոտով դիպչում էր, բայց դրանից ավելի վատ էր՝ որովհետև, տեսնելով, որ կարող է ողջ ոտով կանգնել գետնի վրա, նա բոլոր ուժով աշխատում էր հասնել գետնին այն մարդկանց պես, որոնց տանջում են իր առանցքի շուրջը պտտող գործիքով, երբ որ նրանք, աշխատելով ձգվել, ավելացնում են իրենց տանջանքը, որովհետև նրանց խաբում է ոտներով գետնին հասնելու հույսը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLIV== | ||
+ | |||
+ | Պանդոկում ունեցած անլուր անցքի շարունակությունը | ||
+ | |||
+ | |||
+ | Դոն Կիխոտն այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ պանդոկապետը արագ֊արագ դարպասը բաց անելով, ահով բռնված վազեց իմանալու, թե որտեղից են գալիս այդ աղաղակները։ Նրան հետևեցին հյուրանոցի առջև կանգ առած մարդիկ։ Մարիտորնեսը, զարթնելով այդ գոռգոռոցից, գլխի ընկավ բանի էությունը, վազ տվեց դարմանատուն և ամենքից թաքուն քակեց նոխտան, որից կախ էր ընկել դոն Կիխոտը։ Վերջինս պանդոկապանի և ճամթորդների աչքի առջև թրմփաց գետին։ Բոլորը շրջապատեցին նրան և սկսեցին հարց ու փորձ անել, թե ինչ է եղել նրան և ինչու է նա այդքան սաստիկ գոռում։ Մեր ասպետը առանց բառ անգամ պատասխանելու բաց արեց հանգույցը ձեռքից, ոտի կանգնեց, թռավ Ռոսիսնանտի վրա, ծածկվեց վահանով, նիզակը ճոճեց և, բավական տարածություն հեռանալով վազքի համար, ձին խաղցնելով վերադարձավ և ճչաց․ | ||
+ | |||
+ | ― Ով որ ասի, թե ինձ կախարդելը արդարացի բան է, ես իմ Միկոմիկոնի իշխանուհի֊տիրուհուս թույլտվությամբ կհայտարարեմ ստասաց, պատասխանատվության կկոչեմ և կկանչեմ մենամարտի։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի այս խոսքերը շատ զարմացրին նորեկներին։ Սակայն նրանց զարմանքն անցավ, երբ որ պանդոկպանը բացատրեց նրանց դոն Կիխոտի ով լինելը և խորհուրդ տվեց, որ ուշ չդարձնեն նրա վրա, որովհետև նա խելագար է։ Նրանք պանդոկպանից հարցրին՝ չի՞ իջևանել արդյոք պատահմամբ այս հյուրանոցում տասնհինգ տարեկան, ջորեպանի զգեստով մի տղա։ Նրանք հաղորդեցին դոնյա Կլարայի երկրպագուի բոլոր նշանները։ Պանդոկպանը պատասխանեց, թե հիմա այնքան շատ կենվոր ունի, որ չի հիշում նրանց հարցրած մարդը կա՞ նրանց մեջ, թե՞ չէ։ Այդ միջոցին ձիավորներից մեկը նկատեց կառքը, որով եկել էր աուդիտորը, և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Դե, իհարկե, նա պետք է այստեղ լինի, ահա՛ կառքը, որին, ինչպես մեզ ասում էին, նա հետևում էր։ Թող մեզնից մեկն ու մեկը դարպասի առջև կանգնի, իսկ մնացածները ներս մտնեն և որոնեն, իսկ ավելի լավ կլինի, եթե մեզնից մեկն ու մեկն էլ պտտի հյուրանոցի շուրջը, որովհետև նա կարող է պատի պարսպից դուրս թռչել ու փախչել։ | ||
+ | |||
+ | ― Ամեն ինչ կկատարվի, ― պատասխանեց ձիավորը։ | ||
+ | |||
+ | Նրանցից երկուսը մտան պանդոկը, երրորդը մնաց դարպասի առջև, իսկ չորրորդը սկսեց պտտել հյուրանոցի շուրջը։ Պանդոկպանը նայում էր նրանց և գլխի չէր ընկնում ի՞նչ նպատակով են նրանք անում այդ ամենը, թեև շատ լավ ըմբռնում էր, որ որոնում են երիտասարդի, որի նշաններն իրեն նկարագրել են։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին լույսը բոլորովին բացվել էր և արևի ճառագայթներն ու դոն Կիխոտի հարուցած իրարանցումը արթնացրին կենվորներին, որոնք սկսեցին վեր կենալ։ Ամենից շուտ դոնյա Կլարան ու Դորոթեան վեր կացան՝ մեկը հուզված էր, որ իր սիրեցյալն այդքան մոտիկ է, մյուսը իրենը շուտով տեսնելու ցանկությամբ էր վառված, ուստի երկուսն էլ գիշերս վատ էին քնել։ Դոն Կիխոտը, տեսնելով, որ ձիավորներից և ոչ մեկն իր վրա ուշադրություն չի դարձնում և չի ընդունում իր մարտակոչը, տհաճությունից ու կատաղությունից իրեն ուտում էր, և եթե իր ասպետական ուխտի կանոնադրության մեջ նա կարողանար գտնել մի կետ, որ թույլատրում է թափառական ասպետին արիանալ և նետվել նոր քաջագործությունների մեջ, չնայած իր խոստմանը՝ հեռու կենալու, մինչև որ ավարտի նախապես ձեռնարկած գործերը, նա, անշուշտ, կհարձակվեր նրանց վրա և կստիպեր կամա֊ակամա մարտակոչն ընդունել։ Սակայն նրան անվայել էր թվում և անարժան նոր ձեռնարկ սկսելը, քանի Միկոմիկոնի իշխանուհին դեռ չի գրավել իր գահը, ուստի նա հարկադրվեց լռել, հանգստանալ և սպասել, թե նորեկների խնամքով կատարվող խուզարկությունն ինչով կվերջանա։ Վերջապես նրանցից մեկը գտավ որոնած երիտասարդին, որ քնած էր մի ուրիշ ջորեպանի կողքին և որի մտքիցն էլ չէր անցնում, թե իրեն որոնում են, առավել ևս, որ կարող են գտնել։ Գտնողը, բռնեց նրա թևից և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ճշմարիտ խոսք, սինյոր դոն Լուիս, ձեր շորը միանգամայն համապատասխանում է ձեր դիրքին, և քնատեղը, որտեղ գտա ձեզ, միանգամայն համապատասխանում է այն փարթամության, որի մեջ ձեզ դաստիարակել է ձեր մայրը։ | ||
+ | |||
+ | Երիտասարդը տրորեց քնաթաթախ աչքերը, երկար նայեց իր ձեռքը բռնողին և, վերջապես ճանաչելով իր հոր ծառային, այնքան վախեցավ, որ երկար ժամանակ չէր կարողնում բառ անգամ արտասանել։ Այնինչ ծառան շարունակում էր․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր դոն Լուիս, ձեզ այլ բան չի մնում, քան զինվել համբերությամբ և վերադառնալ տուն, եթե ձերդ ողորմածությունը չի կամենում, որ ձեր հայրը՝ իմ տերը, այն աշխարհը գնա, որովհետև ձեր չքանալը նրան այնպիսի սուգի մեջ է գցել, որ այլ վախճան չի կարող լինել։ | ||
+ | |||
+ | ― Բայց հայրս ի՞նչ գիտի, ― հարցրեց դոն Լուիսը, որ ես այս կողմն ու այս զգեստով եմ գնացել։ | ||
+ | |||
+ | ― Մի դպրոցական, որին դուք բաց եք արել ձեր ծրագիրը, ― հաղորդեց ծառան, ― տեղեկություն տվեց՝ խճալով ձեր հուսահատ հորը, և իմ տերը իսկույն իր ծառաներից չորսին ուղարկեց, որ վրա հասնեն ձեզ։ Մենք բոլորս այստեղ ենք և սպասում ենք ձեր հրամանին։ Մեր ուրախությունն աննկարագրելի է, երբ խորհում ենք, թե որքան երջանիկ է լինելու ձեր հայրը, երբ որ մենք բերենք նրա ջերմագին սիրած որդուն։ | ||
+ | |||
+ | ― Կլինի այնպես, ինչպես ես կկամենամ կամ ինչպես կհրամայի երկինքը։ Դուք պետք է համաձայնեք վերադառնալ, ուրիշ ոչինչ չի կարող լինել։ | ||
+ | |||
+ | Դոն Լուիսի կողքին քնած ջորեպանը, լսելով այս խոսակցությունը, վեր կացավ ու վազ տվեց, որ պատմի դոն Ֆերնանդոյին, Կարդենիոյին ու մնացածյալներին, որ այդ միջոցին արդեն հագնվել֊պրծել էին։ Նա հաղորդեց խոսակցության բովանդակությունը և ասաց, որ անծանոթը երիտասարդին դոն էր անվանում և ուզում է նրան տանի տուն, իսկ նա չի համաձայնում։ Այդ ամենը ներկա գտնվողների մոտ ցանկություն հարուցեց ավելի մոտ ճանաչել երիտասարդին, որին երկինքն այդքան սիրուն ձայն էր շնորհել և օգնելու նրան, եթե անծանոթները նրա վրա բռնանալու լինեն։ Նրանք շտապեցին նրա մոտ և տեսան, որ նա դեռևս խուսում ու վիճում է իր ծառայի հետ։ Այդ միջոցին սենյակից դուրս եկավ Դորոթեան, իսկ նրա ետևից՝ հուզված Կլարան, և Դորոթեան մի կողմ կանչելով Կարդենիոյին, կարճառոտ արեց նրան դոնյա Կլարայի և երգչի պատմությունը, իսկ սա, իր հերթին, հաղորդեց երիտասարդին որոնելու ուղարկված ծառաների գալստյան մասին։ Սակայն ինչքան էլ ցածր ձայնով խոսելու լիներ նա, դոնյա Կլարան դարձյալ լսեց և այնպիսի շփոթմունքի մեջ ընկավ, որ եթե Դորոթեան նրան բռնած չլիներ, կընկներ գետին։ Կարդենիոն խորհուրդ տվեց, որ Դորոթեան տանի աղջկան սենյակ՝ խոստանալով ամեն ինչ հարթել, և նրանք հնազանդեցին նրան։ | ||
+ | |||
+ | Դոն Լուիսի ետևից եկած չորս ձիավորներն էլ ներս էին մտել պանդոկը և, շրջպատելով երիտասարդին, համոզում էին նրան անհապաղ վերադառնալ՝ հորը մխիթարելու համար։ Իսկ նա պատասխանում էր, թե ոչ մի կերպ չի կարող անել, մինչև որ մի գործ չավարտի, որից կախված են նրա պատիվը, կյանքն ու հոգին։ Իսկ ծառաները պնդում էին, ասելով, որ առանց նրան ոչ մի դեպքում չեն վերադառնա և կտանեն նրան հետները՝ ուզենա նա, թե չուզենա։ | ||
+ | |||
+ | ― Այդ դուք չեք անի, ― ասաց դոն Լուիսը, ― թերևս կարողանաք տանել իմ դիակը, որովհետև ինձ այստեղից տանել, կնշանակի՝ զրկել կյանքից։ | ||
+ | |||
+ | Հյուրանոցի բոլոր կենվորները հավաքվեցին այդ վեճի վրա, նրանց թվում Կարդենիոն, դոն Ֆերնանդոն, նրա ուղեկիցները, աուդիտորը, քահանան, դալլաքը և դոն Կիխոտը (որովհետև վերջինս որոշել էր, որ այլևս դղյակը պաշտպանելու կարիք չկա)։ Կարդենիոն, տեղյակ լինելով երիատասարդի պատմությանը, հարցրեց ծառաներից, ինչո՞ւ են նրան ուզում բռնի տանել։ | ||
+ | |||
+ | ― Մենք ուզում եք այս կաբալյերոյի հորը վերադարձնել կյանքը, ― պատասխանեց չորսից մեկը, ― որովհետև որդու բացակայությունը նրան կարող է մահ պատճառել։ | ||
+ | |||
+ | Դոն Լուիսը դրան առարկեց․ | ||
+ | |||
+ | ― Իմ անձնական գործերի մասին այստեղ խոսելն ավելորդ է։ Ես ազատ եմ և կամենամ կվերադառնամ, չեմ կամենա՝ ձեզնից ոչ մեկը չի հանդգնի հարկադրել ինձ։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածություն, խոհեմությունը կհարկադրի, ― պատասխանեց ծառան, ― իսկ եթե ձերդ ողորմածության խոհեմությունը պակասի, մերը հերիք կլինի, որպեսզի անենք այն, ինչ որ հրամայում է մեզ պարտականությունը։ | ||
+ | |||
+ | ― Պետք է պարզել՝ ինչո՞ւմն է բանը, ― ասաց աուդիտորը։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե, ձերդ ողորմածություն, սինյոր աուդիտոր, չեք ճանաչում այս կաբալյերոին, ձեր հարևանի որդուն։ Նա փախել է հոր տնից իր կոչման անհամապատասխան շորով, ինչպես ձերդ ողորմածությունը կարող է իր աչքերով համոզվել։ | ||
+ | |||
+ | Աուդիտորը նայեց երիտասարդին ավելի ուշադիր և ճանաչելով գրկեց նրան՝ ասելով․ | ||
+ | |||
+ | ― Այս ի՞նչ երեխայություն է, սինյոր դոն Լուիս։ Ի՞նչ կարևոր պատճառներ են դրդել ձեզ ճամփա ընկնելու մի շորով, որ այնքան քիչ է վայելում ձեր կոչմանը։ | ||
+ | |||
+ | Երիտասարդի աչքերից արցունք ցայտեց, և նա աուդիտորին չկարողացավ մի բառ անգամ պատասխանել։ Աուդիտորը հրամայեց ծառաներին հանգիստ մնալ՝ երաշխավորելով, որ ամեն ինչ լավ կվերջանա, ապա, բռնելով դոն Լուիսի ձեռքից, նրան տարավ մեկուսի և հարցրեց, թե ի՞նչ կնշանակի նրա երևան գալն այս կողմերում։ Այն միջոցին, երբ նա մանրամասն հարց ու փորձ էր անում, պանդոկի դարպասի մոտ աղմուկ բարձրացավ։ Պանդոկում գիշեր անցկացրած կենվորներից երկու հոգի, նկատելով, որ բոլորը զբաղված են նորեկ չորս ձիավորների գործով, որոշել էին ծլկվել առանց գիշերելու համար վճարելու։ Սակայն պանդոկպանը, որի համար իր շահերը ավելի թանկ էին, քան ուրիշներինը, բռնել էր նրանց դարպասի մոտ և վարձ էր պահանջում, հայհոյելով նրանց այնպիսի հիշոցներով, որ սրանք, ի պատասխան, մուշտակռիվ էին սկսել և այնպես էին ծեծում նրան, որ խեղճը գոռում և օգնության էր կանչում։ Պանդոկպանի կինն ու ուղջիկը մարդ չէին տեսնում, որ զբաղված չլիներ և խեղճին օգնության հասներ, բացի դոն Կիխոտից, ուստի աղջիկը դիմեց նրան հետևյալ խոսքերով․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածություն, սինյոր ասպետ, եթե Աստված ձեզ օժտել է ուժով, ապա օգնեցեք խեղճ հորս, որին այս չարագործները այնպես են ծեծում, կարծես աղուն են աղում։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը դրան դանդաղ ու ծանր պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Չքնաղ աղջիկ, ներկայիս ես ի վիճակի չեմ ձեր խնդիրքը կատարելու, որովհետև ես իրավունք չունեմ նոր արկածների ձեռնամուխ լինելու, մինչև որ չավարտեմ այն, ինչին պարտադրում է ինձ տվածս խոսքը։ Սակայն ձեզ շահասիրած լինելու համար ես կարող եմ անել հետևյալը՝ վազ տվեք և ասացեք ձեր հորը, որ նա, ինչքան կարելի է, խիզախ կռվի և ոչ մի դեպքում անձնատուր չլինի, իսկ ես այդ միջոցին Միկոմիկոնի իշխանուհուց թույլտվություն կխնդրեմ նրան օգնելու, այդ դժբախտության մեջ։ Եթե իշխանուհին թույլ տալու լինի, դուք կարող եք համոզված լինել, որ ես նրան կազատեմ։ | ||
+ | |||
+ | ― Վա՜յ մեզ, մեղավորմերիս, ― բացականչեց Մարիտորնեսը, որ կանգնած էր մոտիկ։ ― Ախր, մինչև որ ձերդ ողորմածությունն այդ թույլտվությունն ստանա, իմ տերն արդեն այն աշխարհում կլինի։ | ||
+ | |||
+ | ― Միայն թե, տիրուհի, այդ թույլտվությունն ստանամ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միևնույն է, այս աշխարհում լինի ձեր տերը, թե այն աշխարհում՝ ես նրան այնտեղից էլ ետ կբերեմ, անգամ եթե ամբողջ այն աշխարհը իմ դեմ դուրս գալու լինի, կամ թե չէ, առնվազն այնպես վրեժխնդիր կլինեմ նրանց, ովքեր նրան այդտեղ ուղարկեցին, որ դուք միանգամայն բավարարված կլինեք։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերով նա մոտ վազեց և ծունկ չոքեց Դորոթեայի առջև և սկսեց խնդրել նորին մեծությունից ասպետական և թափառական ոճով, որ հաճի իրեն արտոնություն շնորհել օգնելու դղյակի տիրոջը, որ ներկայիս դժնակ մարտի մեջ է։ Իշխանուհին սիրով տվեց իր համաձայնությունը և, դոն Կիխոտը, ծածկվելով վահանով, թուրը քաշեց, իսկույն դիմեց դեպի պանդոկի դարպասը, որտեղ երկու կենվորները շարունակում էին ջարդ ու բուրդ անել պանդոկպանին։ Սակայն մոտենալով, նա կանգ առավ և տեղն ու տեղը քարացավ, թեև Մարիտորնեսն ու պանդոկպանի կինը աղաչում էին, որ նա չհապաղի և շուտով օգնի մեկի՝ ամուսնուն, մյուսի՝ տիրոջը։ | ||
+ | |||
+ | ― Ես դանդաղում եմ այն պատճառով, ― ասաց դոն Կիխոտը, ― որ վայել չէ ինձ սուր բարձրացնել ստոր կարգի մարդկանց դեմ։ Կանչեցեք իմ զինակիր Սանչոյին, որովհետև նման դեպքերում նրան է արժան և վայել պաշտպանել և վրիժառու լինել։ | ||
+ | |||
+ | Ահա թե ինչ էր կատարվում պանդոկի դարպասի մոտ, ծեծ ու հարվածները թափվում էին չարաղետ պանդոկպանի վրա և շեշտակի հասնում նպատակին՝ սաստկացնելով Մարիտորնեսի, տանտիկնոջ ու նրա աղջկա կատաղությունն ու հուսահատությունը։ Նրանք ճաքում էին, տեսնելով, թե ինչպես դոն Կիխոտը երկնչում է, մինչդեռ նրանց տերը, ամուսինն ու հայրը վատ օրի է։ Սակայն թողնենք նրան հանգիստ (հուսանք, որ մեկն ու մեկը նրան կօգնի, իսկ եթե ոչ, ապա թող համբերի ու լռի՝ ով որ իր ուժերն առանց հաշվի առնելու կռվի մեջ է խցկվում, տեղն է), ետ գնանք մի հիսուն քայլ և լսենք, թե ինչ պատասխանեց դոն Լուիսը աուդիտորին։ Մենք վերջիններիս հետ բաժանվեցինք այն րոպեին, երբ աուդիտորը հարցնում էր երիտասարդից այդքան անվայելուչ հագուստով ճամփորդելու պատճառը։ Դոն Լուիսը, ի պատասխան, ամուր բռնեց նրա ձեռքերը, կարծես թե դրանով կամենալով ցույց տալ, թե իր սրտին մեծ դարդ ունի և, արցունքի հեղեղ թափելով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Տեր իմ, խոստովանում եմ, որ այն րոպեից, ինչ երկինքը կամեցավ, իսկ հարևանությունը ձեզ հետ թույլ տվեց , որ ես տեսնեմ դոնյա Կլարային, ձեր դստեր և իմ տիրուհուս, այն իսկ վայրկյանից նա դարձավ իմ սրտի իշխանուհին։ Եվ եթե դուք՝ իմ ճշմարիտ հայրը և տերը, չհակառակեք, նա այսօր իսկ կդառնա իմ ամուսինը։ Նրա համար ես լքեցի հորս տունը, նրա համար հագա այս զգեստը, որպեսզի հետևեմ նրան, ուր էլ գնալու լինի նա, ինչպես նետը, որ հետևում է իր նպատակին, ինչպես ծովագնացը, որ հետևում է կողմնացույցին։ Իմ սիրո մասին նա ոչինչ չգիտի, եթե միայն մի քանի անգամ հեռվից տեսնելով աչքերիս արցունքը, նա չի կռահել, որ ես իրեն սիրում եմ։ Ձեզ հայտնի է, տեր իմ, իմ ծնողների ազնիվ ծագումն ու հարստությունը, դուք գիտեք նույնպես, որ ես միակ ժառանգն եմ։ Եթե այս երջանիկ հանգամանքները բավական են, որպեսզի դուք վճռեք ինձ լիովին երջանկացնել, ապա, անհապաղ անվանեցեք ինձ ձեր որդին և, եթե իմ հայրը, դրդված այլ մտադրություններից, չկամենա գնահատել այն գանձը, որ ես գտել եմ, ապա մտաբերեցեք, թե ժամանակը, որ ամեն ինչ քանդում է և ամեն բան փոխում, մարդկային ցանկություններից ուժեղ է։ | ||
+ | |||
+ | Այդ ասելուց հետո սիրահարված երիտասարդը լռեց, մինչդեռ աուդիտորը մնացել էր շփոթված, շվար ու մոլոր՝ զարմացած խելացիությունից, որով դոն Լուիսը բաց արեց նրա առջև իր զգացմունքը և չիմանալով, թե ինչպես վարվի այդ հանկարծակի և անակնկալ գործում։ Ուստի պատասխանի փոխարեն նա դոն Լուիսից խնդրեց, որ հանգստանա և համոզի ծառաներին, որ այսօր հետները չտանեն, խոստանալով, որ այդ ժամանակամիջոցում ինքը կխորհի, թե ինչպես հարթել գործը, որպեսզի բոլորը բավարարված լինեն։ Դոն Լուիսը զոռով համբուրեց նրա ձեռները և թրջեց արցունքով։ Մարմարե սիրտն էլ կկակղեր այդ վարմունքից, ուր մնաց թե աուդիտորինը։ Վերջինս, իբրև խելացի մարդ, ըմբռնում էր, թե այդ միությունն ինչքան ձեռնտու է իր աղջկան։ Այնուամենայնիվ, նա նախադասում էր, որ այդ ամուսնությունը կատարվի, եթե միայն հնարավոր է, դոն Լուիսի հոր համաձայնությամբ, որը, ինչպես ինքը գիտեր, ցանկանում էր իր որդու համար բարձր տիտղոս ձեռք բերել։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին կենվորները հաշտվել էին պանդոկպանի հետ, վճարել էին նրա պահանջածը, ոչ այնքան սպառնալիքների ազդեցության տակ, որքան դոն Կիխոտի համոզումների և խելացի փաստարկումների հետևանքով։ Իսկ դոն Լուիսի ծառաները սպասում էին, թե ինչով է վերջանալու խոսակցությունը աուդիտորի հետ, և իրենց տերը ինչ վճիռ է ընդունելու։ Սակայն այդ րոպեին սատանան, որ չի ննջում, բերեց պանդոկը այն իսկ դալլաքին, որից դոն Կիխոտը խլել էր Մամբրինի սաղավարտը, իսկ Սանչո Պանսան հանել էր նրա էշի փալանը և փոխել իրենի հետ։ Եվ ահա, դալլաքը, քաշելով իր էշը գոմը, գտավ Սանչո Պանսային, որ զբաղված էր փալանով և, իսկույն ճանաչելով իր ապրանքը, վրա տվեց ու գոռաց․ | ||
+ | |||
+ | ― Ա՜, սինյոր գող, հո բռնեցի՞ ձեզ։ Դեսը տվեք իմ լագանը, փալանն ու նոխտան, որ դուք թռցրել եք ինձնից։ | ||
+ | |||
+ | Այսքան հանկարծակի գրոհն զգալով և հիշոցները լսելով՝ Սանչոն մեկ ձեռքով բռնեց փալանը, իսկ մյուսով բռուցքի այնպիսի հարված հասցրեց դալլաքին, որ նրա բերանը արնակալեց։ Սակայն, չնայած դրան, դալլաքը ձեռքից բաց չէր թողնում ավարը, այսինքն՝ փալանը և այնքան բարձր էր աղաղակում, որ հյուրանոցի բոլոր կենվորները վազեվազ եկան աղմուկի վրա։ Դալլաքը կոչ էր անում․ | ||
+ | |||
+ | ― Արադարադատությո՜ւն, այստեղ արի՛, հանուն թագավորի՜։ Ես ետ եմ վերցնում իմ ապրանքը, իսկ այս գողը, բանուկ ճամփի այս ավազակն ուզում է ինձ սպանել։ | ||
+ | |||
+ | ― Սուտ ես ասում, ― պատասխանեց Սանչոն, ― ես բանուկ ճամփի ավազակ չեմ, և այս ավարը իմ տեր դոն Կիխոտը ազնիվ կռվում է ձեռք բերել։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը, կանգնած, մեծ հաճույքով նայում էր, թե ինչպես է հարձակվում ու պաշտպանվում իր զինակիրը և այդ րոպեին նա վճռեց, որ Սանչոն քաջ է և ինքն իրեն խորհեց՝ առաջին իսկ հարմար առիթով նրան պետք է ասպետ կարգել, քանի որ նա կարող է լավ ծառայել ասպետական ուխտին։ Իսկ դալլաքը վիճաբանելով Սանչո Պանսայի հետ, ի միջի այլոց ասաց հետևյալը․ | ||
+ | |||
+ | ― Որ այս փալանն իմն է, սինյորներ, դա նույնքան ճիշտ է, որքան այն, որ Աստված ինձ մահ կուղարկի։ Ես այդ նույնքան լավ գիտեմ, որքան եթե ինքս նրան ծնած լինեի։ Ասենք՝ այստեղ ախոռում է իմ էշը, որ սուտ չի խաբի։ Եթե չեք հավատում, չափեցեք ինքներդ՝ եթե փալանը նրա չափսովը չլինի, կոչեցեք ինձ խարդախ։ Ավելին կասեմ, նույն օրը, որ անհայտացավ իմ փալանը, նրանք թռցրին նաև իմ պղնձե լագանը, բոլորովին նորը, դեռ գործածության մեջ չեղած, մեկ էսկուդո արժողությամբ։ | ||
+ | |||
+ | Այստեղ դոն Կիխոտն այլևս չկարողացավ իրեն զսպել՝ նա կանգնեց վիճաբանողների միջև, նրանց բաժանեց իրարից և փալանը գետնին դնելով այնպես, որ բոլորի աչքի առջև լինի, մինչև որ պարզվի, թե արդարությունն ում կողմն է, արտասանեց․ | ||
+ | |||
+ | ― Սինյորներ, հիմա բոլորիդ համար պարզ ու որոշ կդառնա մոլորությունը, որի մեջ է այս բարի զինակիրը, կոչելով լագան այն, որ եղել է, և կլինի Մամբրինի սաղավարտը։ Այդ սաղավարտը ես խլել եմ նրանից, ազնիվ մարտում և դրանից հետո ես եմ նրա օրինավոր և անվիճելի տերը։ Գալով փալանին՝ իմ գործը չէ։ Կասեմ միայն, որ իմ զինակիր Սանչո Պանսան ինձնից թույլտվություն խնդրեց հանելու այս հաղթված վախկոտի ձիու սարքը և իրենի վրա դնելու։ Ես նրան թույլ տվի և նա հանեց։ Իսկ եթե հիմա սարքը փալան է դառել, ապա ես այդ այլ կերպ չեմ բացատրում, քան եթե սովորական այլակերպությամբ, որ շարունակ տեղի է ունենում ասպետական պատմությունների մեջ։ Այս ամենը հաստատելու համար վազ տուր ապա որդի Սանչո, և բեր այստեղ սաղավարտը, որ այս բարի մարդու աչքին լագան է երևում։ | ||
+ | |||
+ | ― Սատանան տանի, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― եթե մենք մեր արդարության համար այլ ապացույցներ չունենք, ապա դուրս կգա, որ Մամբրինի սաղավարտը նույնպես լագան է, ինչպես այս ղոչաղի սարքը՝ էշի փալան։ | ||
+ | |||
+ | ― Արա՛, ինչ որ քեզ հրամայում են, ― ասաց դոն Կիխոտը։ Այս դղյակում ամեն ինչ հո չի՜ կախարդված։ | ||
+ | |||
+ | Սանչոն գնաց լագանը բերեց, և դոն Կիխոտը տեսավ թե չէ, իր ձեռքն առավ ու ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ինքներդ դատեցեք, սինյորներ, որքան հանդուգն է այս զինակիրը, որ պնդում է, թե սա սաղավարտ չէ, այլ լագան է։ Երդվում եմ պատկանածս ասպետական ուխտով, սա այն իսկ սաղավարտն է, որ ես նրանից խլել եմ և դրանից հետո ո՛չ մի բան եմ ավելացրել նրան, ո՛չ էլ մի բան պակսեցրել։ | ||
+ | |||
+ | ― Այդ մեկը հո ճիշտ է, ― ասաց Սանչոն, ― որովհետև այն օրից ի վեր, ինչ իմ տերը նրան նվաճեց, նա մի անգամ է այդ սաղավարտը դրած կռվել այն շղթայակապ դժբախտներին ազատելիս։ Եթե այս լագանե սաղավարտն այն պահին վրան չլիներ, նրա բանը բուրդ կլիներ, որովհետև այդ կռվում քարեր էին, որ թափվում էին մեզ վրա։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLV== | ||
+ | |||
+ | Որի մեջ վերջնականապես փարատվում են Մամբրինի սաղավարտի և փալանի վերաբերմամբ տարակուսանքները և պատմվում են այլ ճշմարտապատում անցք ու դեպքեր | ||
+ | |||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածություններն ի՞նչ կասեն, ― հարցրեց դալլաքը, ― այս սինյորների հավաստիացումների վերաբերմամբ, թե սա լագան չէ, այլ սաղավարտ է։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ով հակառակն ասի, ― բացականչեց դոն Կիխոտը, ― եթե ասպետ է ― ես կապացուցեմ, որ ստում է, իսկ եթե զինակիր է՝ հազարապատիկ սուտ է ասում։ | ||
+ | |||
+ | Մեր դալլաքը, որ ներկա էր այդ տեսարանին և ճանաչում էր դոն Կիխոտի բնավորությունը, վճռեց խրախուսել նրա խելագարությունը և ընդհանուրի զվարճության համար երկարաձգել կատակը։ Ուստի դիմելով օտար դալլաքին ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր դալլաք կամ ով որ եք, իմացած եղեք, որ ես ձեր արհեստակիցն եմ, որ ես երեսուն տարուց ավել է, ինչ վկայական ունեմ և ածիլելու պարագա չկա, որ ինձ քաջ ծանոթ չլինի։ Միաժամանակ, երիտասարդ հասակում, ես ծառայել եմ իբրև զինվոր և շատ լավ գիտեմ, թե ինչ է սաղավարտը, կիսասաղավարտը, երեսկալը և ռազմական գործին վերաբերող այլ առարկաները, այլ կերպ ասած՝ զենքերի բոլոր տեսակները։ Ահա՛, եթե առարկություն չկա (ով կարող է թող սխալս ուղղի), ես պնդում եմ, որ այս սիրալիր սինյորի ձեռքին բռնած առարկան բնավ լագան չէ և նույնքան հեռու է լագանից, որքան սպիտակ գույնը՝ սևից և ճշմարտությունը՝ ստից։ Սակայն պիտի ավելացնեմ, որ թեպետ սաղավարտ է, սակայն լրիվ չէ։ | ||
+ | |||
+ | ― Իհարկե, լրիվ չէ, ― ասաց դոն Կիխոտը, ― որովհետև կեսը պակաս է, ծնոտակալը չկա։ | ||
+ | |||
+ | ― Միանգամայն ճիշտ է, ― հարեց քահանան՝ կռահելով իր բարեկամի մտադրությունը։ | ||
+ | |||
+ | Նույնը հաստատեցին Կարդենիոն, դոն Ֆերնանադոն և նրա ուղեկիցները։ Անգամ աուդիտորը, եթե նա ընկղմված չլիներ դոն Լուիսի դեպքի խոհերում, այդ կատակին մասնակից կլիներ, սակայն նա այնքան էր կլանված լուրջ մտածմունքներով, որ գրեթե ուշ էլ չէր դարձնում այդ խաղերի վրա։ | ||
+ | |||
+ | ― Տե՜ր ողորմյա, ― պատասխանեց ձեռք առնված դալլաքը։ ― Ինչպե՜ս հնարավոր է, որ այսքան պատվավոր մարդիկ ասեն, թե սա լագան չէ, այլ սաղավարտ։ Այս դեպքը կարող է մի ամբողջ համալսարան զարմացնել, ինչքան էլ նա գիտուն լինի։ Ի՜նչ արած, եթե իմ լագանը սաղավարտ է, ապա փալանս էլ, երևի, թամք կդառնա, ինչպես պնդում է այս սինյորը։ | ||
+ | |||
+ | ― Ըստ իս՝ թամք է, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Թեև, ես արդեն ասացի, թե ես այդ գործին չեմ խառնվում։ | ||
+ | |||
+ | ― Փալան է թե թամք, պետք է որոշի սինյոր դոն Կիխոտը, ― ասաց քահանան, ― որովհետև այն ամենը, ինչ վերաբերում է ասպետական գործին, ես էլ, այս բոլոր սինյորներն էլ, նրան հմուտ ենք համարում։ | ||
+ | |||
+ | ― Աստված վկա, սինյորներ, ― ասաց դոն Կիխոտը, ― երկու անգամ իջևանել եմ այս դղյակում, և գլխիս այնքան պատահարներ են եկել, որ ինչ էլ այդ դղյակի վերաբերմամբ հարցնելու լինեք, ես սիրտ չեմ անի ձեզ հաստատ պատասխան տալ, որովհետև, ըստ իս, այստեղ ամեն ինչ կախարդանքի զորությամբ է կատարվում։ Առաջին անգամին այս դղյակում իմ գլուխը մի կախարդված մավր էր տանում, ասենք՝ Սանչոն էլ պակաս չտառապեց նրա օգնականների ձեռքին, իսկ այս գիշեր ես գրեթե երկու ժամ դաստակիցս կախված եմ մնացել և չիմացա էլ, թե ինչպես և ինչի համար եկավ գլխիս այդ աղետը։ Ուստի այսքան խճճված խնդիրների մասին կարծիք հայտնելը իմ կողմից անխոհեմություն կլիներ։ Այն հայտարարության առիթով, թե սա սաղավարտ չէ, այլ լագան, ես արդեն պատասխանեցի․ գալով փալանին կամ սարքին՝ ես սիրտ չեմ անի որևէ որոշակի կարծիք հայտնել։ Թողնում եմ այդ ձեր ըմբռնումին, սինյորներ։ Թերևս, հենց այն պատճառով, որ դուք ինձ նման ասպետ չեք կարգված, այս դղյակի կախարդական ուժերը ձեզ վրա զորություն չունեն, ձեր բանականությունն ազատ է, և դուք ի վիճակի եք այս դղյակում տեղի ունեցածը տեսնել այնպես, ինչպես որ նրանք իրականում կան, իսկականը և ոչ թե ինչպես ինձ է թվում։ | ||
+ | |||
+ | ― Անտարակույս, ― պատասխանեց դոն Ֆերնանադոն, ― սինյոր դոն Կիխոտը միանգամայն արդարացի է՝ այդ խնդիրը մենք պիտի վճռենք։ Եվ միանգամից հիմնավոր լինելու համար ես գաղտնի կքվեարկեմ և, այս սինյորների քվեները հավաքելով, պարզ և ճշգրիտ հաշիվ կներկայացնեմ, թե ինչ ստացվեց։ | ||
+ | |||
+ | Ովքեր գիտեին դոն Կիխոտի տարօրինակությունները, սրտանց զվարճանում էին, իսկ ովքեր չգիտեին, ողջ այս պատմությունը համարում էին ամենամեծ անհեթեթությունը։ Այսպես էին կարծում դոն Լուիսի չորս ծառաները և երեք ճամփորդներ ևս, որ այդ իսկ պահին պանդոկ էին հասել (արտաքուստ՝ նրանց կարելի էր հրացանաձիգների տեղ դնել և հետագայում այդպես էլ դուրս եկավ)։ Դալլաքը սաստիկ կոտրվել էր, որ իր աչքի առջև լագանը Մամբրինի սաղավարտ էր դառել։ Նա չէր կասկածում, որ փալանն էլ իսկույն ևեթ ձիու շքեղ սարք կդառնա։ Մնացյալները քահ֊քահ ծիծաղում էին՝ տեսնելով դոն Ֆերնանդոյին ամեն մեկին հերթով մոտենալուց և քվե հավաքելուց։ Յուրաքանչյուրի ականջին նա փսփսում ու խնդրում էր ասել, թե ի՞նչ է այն գանձը, որի համար այնպիսի տարաձայնություն ծագեց՝ փալա՞ն, թե՞ ձիու սարք։ Վերջապես, դոն Կիխոտի բոլոր ծանոթներից քվե հավաքելուց հետո դոն Ֆերնանդոն բարձրաձայն հայտարարեց․ | ||
+ | |||
+ | ― Ահա թե բանի էությունն ի՜նչ է, պատվելիս։ Ես հոգնեցի քվե հավաքելուց, որովհետև ումից հարցրի այդ առարկայից, ամենքն էլ ինձ պատասխանեցին միևնույնը՝ անմիտ բան է փալան կոչել այն, ինչ որ, իրոք, սարք է, այն էլ ազնվացեղ նժույգի, որովհետև, որքան էլ անախորժ լինի ձեզ կամ ձեր էշի համար, սա սարք է և ոչ թե փալան, և ձեր փաստարկումներն ու ապացույցները ճանաչված են անբավարար։ | ||
+ | |||
+ | ― Թող ես զրկվեմ երկնքի արքայությունից, եթե դուք, սինյորներ, չեք սխալվում, թող իմ հոգին չներկայանա Տերն Աստծուն, եթե սա սարք է և ոչ թե փալան։ Հիմա ես տեսնում եմ, որ թագավորների համար օրենք չկա։ Ճիշտ եմ ասում, ես հարբած չեմ՝ եթե ես որևէ բանով այսօր առավոտյան մեղանչել եմ, ապա բնավ ոչ նախաճաշով։ | ||
+ | |||
+ | Դալլաքի պարզամտությունը դոն Կիխոտի ցնդաբանություններից պակաս չզվարճացրին ամենքին։ Դոն Կիխոտը հայտարարեց․ | ||
+ | |||
+ | ― Դե՛հ, հիմա մնում է, որ ամեն ոք վերցնի այն, ինչ պակասում է իրեն։ Ինչ որ շնորհել է Աստված, սուրբ Պետրոսն էլ է օրհնել։ | ||
+ | |||
+ | Չորս ծառաներից մեկն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Եթե սա դիտավորյալ կատակ չէ, ապա ես բնավ չեմ կարող հավատալ, որ ըստ երևույթին այսքան խելացի մարդիկ կարող են ասել ու պնդել, թե սա լագան չէ և փալան չէ։ Բայց քանի որ նրանք ափաշկարա ասում ու պնդում են հասարակ փորձին և ճշմարտության հակառակ բաներ, ես դրանից հետևցնում եմ, որ մեջտեղը ինչ֊որ գաղտնիք կա, որովհետև եթե անգամ ամենքդ այստեղ ճաքելու լինեք (նա այդպես էլ ասաց), ոչ ոք աշխարհիս երեսին ինձ չի հավատացնի, թե սա դալլաքի լագան չէ և էշի փալան չէ։ | ||
+ | |||
+ | ― Կարող է պատահել, որ սա որձ էշի փալան չէ, այլ էգ էշի, ― ասաց քահանան։ | ||
+ | |||
+ | Այդ լսելով նորեկ հրացանաձիգներից մեկը, որ ներկա էր այդ վեճին ու բանակռվին սրտնեղ ու ցասկոտ բացականչեց․ | ||
+ | |||
+ | ― Թող ես իմ հոր զավակը չլինեմ, եթե սա փալան չէ։ Իսկ ով որ ասում է կամ կասի հակառակը, նա հարբած է գինու տակառի պես։ | ||
+ | |||
+ | ― Դուք ստում եք ստոր անպիտանի պես, ― ասաց դոն Կիխոտը և տարավ֊բերեց փոքրիկ նիզակը, որ ոչ մի րոպե ձեռքից բաց չէր թողնում, այնպես նրան դրեց նրա գլխին, որ եթե հրացանաձիգը ժամանակին խուսափաց չլիներ, ապա անշուշտ կփռվեր գետնին։ Նիզակը վայր ընկավ և փշուր֊փշուր եղավ։ Մնացյալ հավաքվածները տեսնելով, թե ինչպես են վարվում իրենց ընկերոջ հետ, սկսեցին պահանջել հնազանդություն Սանտա Հերմամնդադին։ | ||
+ | |||
+ | Պանդոկպանը, որ նույնպես այդ միաբանության անդամ էր, վազեց բերի իր գավազանն ու թուրը և վերադառնալով հարեց իր ընկերներին։ Դոն Լուիսի ծառաները շրջապատեցին իրենց տիրոջը՝ զգուշանալով, որ օգտվելով իրարանցումից, հանկարծ չփախչի։ Դալլաքը, տեսնելով, որ ողջ տունը տակնուվրա եղավ, բռնեց իր փալանը։ Նույնն արեց նաև Սանչոն։ Դոն Կիխոտը թուրը քաշեց և հարձակվեց հրացանաձիգների վրա։ Դոն Լուիսը գոռում էր, որ ծառաները թողնեն իրեն և վազեն օգնության դոն Կիխոտին և նրա կողմնակիցներին՝ Կարդենիոյին և դոն Ֆերնանդոյին։ Քահանան աղաղակում էր, տանտիկինը ճչում, տանտիրոջ աղջիկը ծվում, Մարիտորնեսը լալիս, Դորոթեան գլուխը կորցրել էր, Լյուսինդան սարսափել, դոնյա Կլարան ուշագնաց եղել։ Դալլաքը դմբզում էր Սանչոյին, Սանչոն ջարդ ու բուրդ անում դալլաքին։ Դոն Լուիսը, որի ձեռքը համարձակվեց բռնել ծառաներից մեկը, որպեսզի նա չփախչի, այնպիսի հարված հասցրեց նրա քիթ ու բերնին, որ նրա բերանը լցվեց արյունով։ Աուդիտորը սկսեց պաշտպանել նրան։ Դոն Ֆերնանդոն գետնին տապալեց հրացանաձիգներից մեկին և մեծ բավականությամբ ոտնակոխ էր անում նրան։ Պանդոկպանը ավելի ու ավելի բարձր էր գոռում՝ Սանտա Հերմանդադին օգնության կանչելով։ Մի խոսքով՝ բովանդակ պանդոկը լի էր լացով, ճիչով, հառաչանքով, շփոթմունքով, երկյուղով, իրարանցումով, աղետով, թրերի և փայտերի հարվածներով, տուր ու դմփոցով և արյունահեղությամբ։ Այդ իրարանցումի, քաոսի և խառնաշփոթության ամենատաք միջոցին դոն Կիխոտը երևակայեց, թե նա հանկարծակի ընկել է Ագրամանտեի բանակը<ref>Ակնարկ «Կատաղի Ռոլանդի» մի միջադեպի մասին, երգ XXVII։</ref> չարաչար երկպառակության ժամին, ուստի բարձր ձայնով, որ թնդաց ողջ պանդոկում, գոչեց․ | ||
+ | |||
+ | ― Կանգ առեք։ Սրերդ պատյանները դրեցեք։ Հանգստացեք, լսեցեք ամենքդ ինձ, եթե ուզում եք կենդանի մնալ։ | ||
+ | |||
+ | Լսելով այս ամպագոռգոռ ձայնը՝ բոլորը կանգ առան և նա շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Չասացի՞ ձեզ, սինյորներ, որ այս դղյակը կախարդված է, և մեջը մի լեգեոն դև կա։ Իբրև հաստատում՝ խնդրեմ, տեսեք ձեր սեփական աչքերով, որ Ագրամանտեի բանակի երկպառակտությունը փոխադրվել է այստեղ, մեր մեջ։ Տեսեք, թե ինչպես է մեկը կռվում թրի համար, մյուսը՝ նժույգի, ոմանք՝ արծվի համար, ոմանք՝ սաղավարտի, մենք բոլորս կռվում ենք և մեկը մյուսին չի հասկանում։ Համեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր աուդիտոր և դուք, ձերդ ողորմածություն, սինյոր քահանա, թող ձեզնից մեկը Ագրամանտե թագավոր լինի, մյուսը՝ Սոբրինո և խաղաղություն կնքեցեք ձեր միջև։ Վկա է ամենազոր Աստված, մեզ՝ ազնվական կոչում ունեցող մարդկանց համար ամենամեծ խայտառակությունն է, այսքան չնչին առիթով իրար սպանելը։ | ||
+ | |||
+ | Հրացանաձիգները, որ բան չէին հասկանում դոն Կիխոտի խոսքերից, չէին ուզում խաղաղվել, որովհետև դոն Ֆերնանդոն, Կարդենիոն և նրա բարեկամները նրանց սաստիկ ծեծել էին։ Ընդհակառակը՝ դալլաքը այդ էլ հենց ուզում էր, որովհետև տուր ու դմփոցի միջոցին նրա միրուքը պոկել էին և փալանը գզգզել։ Սանչոն, իբրև բարի ծառա, հնազանդեց իր տիրոջ առաջին իսկ խոսքին։ Դոն Լուիսի ծառաները անմիջապես կռիվը դադարեցրին, կռահելով, որ այդ պատմությունն իրենց չի վերաբերում։ Միայն պանդոկպանն էր շարունակում պնդել, որ այդ խելագարի հանդգնությունը պատժվի, որ ամեն մի հարմար առիթով իր պանդոկը տակն ու վրա է անում։ Վերջապես կամաց֊կամաց աղմուկը դադարեց, իսկ դոն Կիխոտի երևակայության մեջ փալանը մինչև ահեղ դատարանի օրը մնաց թամք, լագանը՝ սաղավարտ և պանդոկը՝ դղյակ։ | ||
+ | |||
+ | Երբ շնորհիվ աուդիտորի և քահանայի ամեն ինչ խաղաղվեց և հանգստացավ, դոն Լուիսի ծառաները նորից սկսեցին պնդել, որ նա անմիջապես իրենց հետ պիտի վերադառնա տուն։ Մինչդեռ նա նրանց հետ վիճաբանում էր, աուդիտորն սկսեց խորհրդակցել դոն Ֆերնանդոյի, Կարդենիոյի և քահանայի հետ, թե ինչ անի նման դեպքում և հաղորդում էր նրանց դոն Լուիսի պատմությունը։ Վերջապես վճռվեց, որ դոն Ֆերնանդոն դոն Լուիսի ծառաներին բաց կանի, թե ինքն ով է և կհայտարարի նրանց, թե ինքը մտադիր է դոն Լուիսին հետը Անդալուզիա տանել, որտեղ իր եղբայր֊մարկիզը երիտասարդին կընդունի բոլոր պատշաճ պատիվներով, որ վայելում են նրա արժանապատվության (որովհետև ամենքի համար պարզ էր, որ դոն Լուիսը ավելի շուտ կհամաձայնի պատառ֊պատառ լինել, քան ներկայանալ իր հոր աչքի առջև)։ Երբ չորս ծառաները իմացան դոն Ֆերնանդոյի կոչման և իրենց տիրոջ մտադրության մասին, նրանք իրար մեջ այս որոշումը հանեցին՝ երեք հոգով կվերադառնան և եղելությունը կզեկուցեն նրա հորը, իսկ չորրորդը կմնա, որ սպասարկի դոն Լուիսին և չի բաժանվի նրանից, մինչև որ մնացյալները չգան նրա ետևից կամ թե չէ մինչև որ իրենց տիրոջից որևէ նոր կարգադրություն չգա։ Այսպես ահա Ագրամանտեի իշխանությամբ և թագավոր Սոբրինոյի խոհեմությամբ երկպառակության այս քաոսում խաղաղություն հաստատվեց։ Սակայն, երբ համաձայնության թշնամին և խաղաղության ախոյանը<ref>Այսինքն՝ սատանան։</ref> տեսավ, որ իրեն խայտառակ են արել ու ծաղրել և համոզվեց, որ մեր հերոսներին անելանելի լաբիրինթոսի մեջ գցելու իր բոլոր ջանքերը սակավ արդյունք տվին, խորհեց մեկ անգամ ևս փորձել իր բախտը և նոր վեճ և երկպառակություն հրահրել։ | ||
+ | |||
+ | Բանն այն է, որ հրացանաձիգները իմացան, թե ինչ բարձր կոչման տեր մարդկանց հետ են կռվելիս եղել, խաղաղվեցին ու քաշվեցին մարտադաշտից՝ ըմբռնելով, որ ինչով էլ գործը վերջանալու լինի, տուժողը իրենք են լինելու։ Սակայն նրանցից մեկը, նա՛, որին դոն Ֆերնանդոն ջարդում ու ոտնահարում էր, հանկարծ մտաբերեց, որ հանցագործներ կալանավորելու այլ հրամանների թվում ունի դոն Կիխոտին բռնելու կարգադրություն։ Սանտա Հերմանդադը որոշել էր նրան կալանավորել տաժանակիր աշխատանքի դատապարտվածներին ազատելու համար (նրա իսկ համար, ինչից միանգամայն իրավացի զգուշանում էր Սանչոն)։ Մտաբերելով այդ՝ հրացանաձիգը վճռեց ստուգել՝ ճի՞շտ են արդյոք թղթի մեջ հիշատակված դոն Կիխոտի նշանները։ Ուստի նա գրպանից հանեց փաթույթը, գտավ հարկավոր տեղը և, շատ էլ գրագետ չլինելով, սկսեց վանկ֊վանկ կարդալ, յուրաքանչյուր բառից հետո մտիկ տալով դոն Կիխոտին և համեմատելով հրամանում հիշատակված նշանները մեր ասպետի արտաքինի հետ։ Այսպիսով նա ի վերջո համոզվեց, թե դոն Կիխոտը հենց այն մարդն է, որին հրամայված է կալանավորել։ Համոզվելով դրա մեջ՝ նա փաթաթեց թուղթը, ձախ ձեռքն առավ, իսկ աջով բռնեց դոն Կիխոտի օձիքն այնպիսի ուժով, որ նրա շունչն արգելվեց և սկսեց բարձրաձայն աղաղակել․ | ||
+ | |||
+ | ― Հնազանդությո՜ւն Սանտա Հերմանդադին։ Իսկ ով որ չի հավատում, թե ես նրա անունով եմ գործում, թո՛ղ կարդա այս հրամանը։ Նրա մեջ ասված է, որ ես պետք է բռնեմ բանուկ ճամփի այս ավազակին։ | ||
+ | |||
+ | Քահանան վերցրեց հրամանը և համողվեց, որ հրացանաձիգը ճիշտ է ասում, որովհետև դոն Կիխոտի բոլոր նշանները ճիշտ էին նկարագրված։ Իսկ դոն Կիխոտը, տեսնելով, որ ինչ֊որ ողորմելի ստահակ իրեն վիրավորում է, կատաղեց և այնպես բռնված լինելով, որ ոսկորները ճռճռում էին, երկու ձեռքով սեղմեց հրացանաձիքի կոկորդը։ Եթե հրացանաձիգի ընկերները օգնության հասած չլինեին, նա ավելի շուտ շունչը փչած կլիներ, քան դոն Կիխոտը կարձակեր նրան։ Պանդոկպանը, որ պարտավոր էր պաշտպանելու իր միաբանության անդամներին, իսկույն տուժածին օգնության հասավ։ Նրա կինը, տեսնելով, որ իր ամուսինը նորից կռվի մեջ խցկվեց, կրկին սկսեց աղաղակել, և նրան ձայնակցեցին իր աղջիկն ու Մարիտորնեսը՝ երկնքից և բոլոր սրբերից օգնություն հայցելով։ Իսկ Սանչոն, տեսնելով, թե ինչ է կատարվում, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Տեր իմ Աստված, ախր ինչ որ իմ տերն ասում էր այս դղյակի կախարդված լինելու մասին՝ զուտ ճշմարտությո՜ւն է, այստեղ մեկ ժամ հանգիստ ապրել չի լինում։ | ||
+ | |||
+ | Դոն Ֆերնանդոն բաժանեց իրարից դոն Կիխոտին ու հրացանաձիգին ի հաճույս երկուսի էլ, պոկելով հրացանաձիգի ձեռքը դոն Կիխոտի կապայի օձիքից, որ նա ամուր բռնած էր և բաց արեց ասպետի մատները, որ մխրճվել էին թշնամու կոկորդը։ Սակայն, չնայած դրան, հրացանաձիգները չէին դադարում պահանջել կալանավորում և պնդել, որ իրենց օգնեն կապկպել նրա ձեռն ու ոտը, ինչպես պահանջում է թագավորի և Սանտա Հերմանդադի օրենքը, որի անունից նորից օգնություն էին պահանջում, որպեսզի կալանավորեին լեռնային կածաններում և բանուկ ճամփաներում կողոպտող ավազակին։ Դոն Կիխոտը ժպտում էր՝ լսելով նրանց դատողությունները, ի վերջո, մեծ պաղարյունությամբ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այստեղ եկե՛ք, ստոր ու վատածին մարդիկ։ Դուք բանուկ ճամփի ավազակ եք անվանում նրան, ով բաց է թողնում շղթայակապներին, ազատում բանտարկյալներին, օգնում դժբախտներին, բարձրացնում ընկածներին, պաշտպանում զրկվածներին։ Օ՜, պիղծ էակներ, ձեր թշվառության վեհությունը, հասկանալ տա ձեր անգիտությունն ու մեղքը, որ կատարում եք, չակնածելով անգամ ստվերից, էլ ուր մնաց թափառական իսկ ասպետի ներկայությունից։ Այստեղ եկ, ավազակների ոհմակ և ոչ թե հրացանաձիգների խումբ, բանուկ ճամփաների գողեր Սանտա Հերմանդանի թույլտվությամբ։ Ասացե՛ք ինձ՝ այդ ո՞վ է այն տխմարը, որ ինձ պես ասպետի կալանավորության հրաման է ստորագրել։ Չգիտե՞ նա միթե, որ թափառական ասպետները ոչ մի դատարանի ենթակա չեն, որ նրանց համար օրենքը թուրն է, իրավունքը՝ իրենց զորությունը, որոշումը՝ իրենց կամքը։ Ո՞վ է, կրկնում եմ, այն տխմարը, որին անհայտ է, թե ազնվականության ոչ մի թուղթ այնքան առավելություն ու արտոնություն չի շնորհում, որքան ձեռք է բերում թափառական ասպետն այն օրը, երբ ասպետ է կարգվում և ստանձնում ասպետության դաժան պաշտոնը։ Ո՞ր ասպետն է երբևիցե տվել տուրք, գլխահակ, թագուհու խցանե հողաթափի տուրք,<ref>Թագուհու խցանե հողաթափ (chapin de la reine) ― հատուկ հարկ թագավորի պսակադրության առթիվ, այդպես է կոչվել, որովհետև այն ժամանակները Իսպանիայում ամուսնացած կանայք էին հագնում հողաթափեր՝ խցանե ծայրով (chapin)։</ref> եկամտահարկ, գետից անցնելու կամ ճամփի տուրք։ Այդ ո՞ր ասպետն է իր համար կարած հագուստի համար դերձակին վճարում։ Այն ո՞ր դղյակի տերն է, որ փող է վերցնում ասպետից՝ նրան հյուրընկալելու համար։ Ո՞ր թագավորը չի իր սեղանին նստեցնում նրան։ Ո՞ր ազնիվ օրիորդը չի սիրահարվում և հպատակվում նրա կամքին ու ցանկություններին։ Եվ, վերջապես, եղե՞լ է, կա՞ և կլինի՞ աշխարհիս երեսին մի թափառական ասպետ, որ հանդիպելով չորս հազար հրացանաձիգի՝ չխիզախի փայտով չորս հարյուր հարված հասցնել նրանց։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLVI== | ||
+ | |||
+ | Հրացանաձիգների նշանավոր արկածի և մեր արի ասպետ դոն Կիխոտի մեծ ցասումի մասին<ref>Այս գլխի վերնագիրն ավելի շատ վերաբերում է նախընթաց գլխին, որտեղ նկարագրվել է դոն Կիխոտի և հրացանաձիգների տուրուդմբոցը․ ընդհակառակը՝ սրան էլ համապատասխան կլիներ հաջորդ գլխի վերնագիրը։ Հնարավոր է, որ վերնագրի այս շփոթությունն առաջացել է տպարանում, որտեղ տպվել է «Դոն Կիխոտի» առաջին հրատարակությունը։</ref> | ||
+ | |||
+ | |||
+ | Մինչդեռ դոն Կիխոտը այդպես խոսում էր, քահանան համոզում էր հրացանաձիգներին, որ դոն Կիխոտը խելագար է, ինչպես նրանք հեշտությամբ կարող են նկատել նրա խոսակցությունից ու վարմունքից, ուստի ամենալավը գործին վերջ տալը կլինի, քանի որ եթե նրան կալանավորելու էլ լինեն և հետները տանեն, միևնույն է, հարկադրված են լինելու բաց թողնել՝ իբրև խենթի։ Հրաման ունեցողը դրան պատասխանեց, թե իր գործը չէ դատողություն անելը՝ դոն Կիխոտը խենթ է, թե չէ, այլ մեծավորի հրամանը կատարելը, իսկ երբ որ դոն Կիխոտը մեկ անգամ կալանավորված կլինի, հետո նրան երեք հարյուր անգամ կարող են ազատ արձակել։ | ||
+ | |||
+ | ― Այնուհանդերձ, ― պատասխանեց քահանան, ― այս անգամ դուք նրան չեք կալանավորի։ Ասենք՝ նա ինքն էլ թույլ չի տա, որ կալանավորեք։ | ||
+ | |||
+ | Վերջ ի վերջո քահանան այնքան ասաց ու խոսեց, դոն Կիխոտն էլ այնքան խենթություններ արեց, որ եթե հրացանաձիգները չհավատային մեր ասպետի խելագարությանը, դրանով նրանք ապացուցած կլինեին, որ իրենք նրանից խելագար են։ Ուստի բարվոք համարեցին խաղաղվել և անգամ հանդես գալ որպես միջնորդ դալլաքին Սանչո Պանսայի հետ հաշտեցնելու գործում, որոնք դեռևս մեծ համառությամբ շարունակում էին կռիվը։ Արդարադատության սպասավորները կայացրին մի վճիռ, որ եթե լիովին չհաշտեցրեց էլ երկու կողմերին, դարձյալ շատ թե քիչ բավարարեց նրանց՝ նրանք փոխանակեցին փալանները, բայց ամեն մեկը պահեց իր փորկապներն ու նոխտան։ Գալով Մամբրինի սաղավարտին՝ քահանան ծածուկ, այնպես, որ դոն Կիխոտը չնկատի, դալլաքին լագանի համար ութ ռեալ տվեց, դալլաքն էլ գիր գրեց, որով պարտավորվում էր գանգատ չանել կեղծիքի համար ո՛չ հիմա, ո՛չ էլ հավիտյանս հավիտենից, ամեն։ Այս երկու ամենախոշոր ու ամենանաշանավոր վեճերը հարթելուց հետո մնաց միայն համոզել դոն Լուիսի ծառաներին, որ նրանցից երեքը վերադառնան տուն, իսկ չորրորդը մնա և իր տիրոջ հետ գնա, ուր որ դոն Ֆերնանդոն նրան տանելու լինի։ Բարի բախտը և հաջողությունը, նիզակ ճոճելով և վերացնելով դժվարությունները ի հաճույս սիրահարվածների և խիզախների, որ գտնվում էին հյուրանոցում, կամեցան հասցնել վախճանին իրենց բարի գործը՝ ծառաները համաձայնեցին կատարել դոն Լուիսի խնդիրքը, և դոնյա Կլարան այնքան ուրախացավ, որ բավական էր նրա երեսին նայել՝ նրա սրտի բերկրանքը կարդալու համար։ Զորաիդան, թեև քիչ բան էր հասկանում իրադարձություններից, որ տեղի էին ունենում իր աչքերի առջև, այնուհանդերձ վշտանում ու խնդում էր, համեմատ ներկա եղողների դեմքի արտահայտության և հատկապես հետևում էր իր իսպանացու դեմքին, որին կաշկանդված էր նրա հայացքը և կապված՝ հոգին։ Պանդոկպանը, որի հայացքից չխուսափեց այն, որ քահանան դալլաքին վարձատրություն ու նվեր տվեց, դոն Կիխոտից պահանջեց օթևանության վարձը և գինու և տիկերի վնասի հատուցումը՝ երդվելով, որ գոմից դուրս չի թողնի ո՛չ Ռոսինանտին, ո՛չ էլ Սանչոյի էշին, մինչև որ լրիվ վճարված չլինի մինչև վերջին կոպեկը։ Քահանան այդ էլ հարթեց՝ վճարեց դոն Ֆերնանդոն, թեև աուդիտորն էլ մեծ պատրաստակամությամբ առաջարկեց, որ ինքը վճարի։ Այսպես ահա հաստատվեց հաշտություն ու համաձայնություն, և այլևս չէր թվում, թե Ագրամանտեի բանակի պառակտումը, ինչպես արտահայտվեց դոն Կիխոտը, բռնկել է պանդոկում, ընդհակառակը՝ Օկտավիանոսի ժամանակի<ref>Օկտավիանոս ― այսինքն՝ Օգոստոս Օկտավիանոսի ժամանակների։</ref> հաշտությունն ու հանգստությունն էր տիրում։ Ամենքը միաբերան ընդունեցին, որ այդ ամենի համար պետք է շնորհակալ լինեն բարյացակամ և ճարտարալեզու քահանայից և իր առատաձեռնությամբ անզուգական դոն Ֆերնանդոյից։ | ||
+ | |||
+ | Երբ որ դոն Կիխոտը տեսավ, որ վերջապես ազատվեց ու պրծավ, ինչպես իր անձնական, այնպես էլ իր զինակրին վերաբերող բոլոր անախորժություններից, խորհեց, թե լավ կլիներ շարունակել սկսած ուղին և ավարտել այն մեծ գործը, որի համար ինքը կոչված և ընտրված էր։ Խիզախ վճռականությամբ նա ծունկ չոքեց Դորոթեայի առջև, սակայն աղջիկը հայտարարեց, որ նա թույլ չի տա խոսք անգամ արտասանել, մինչև որ վեր չկենա։ Դոն Կիխոտը հնազանդեց, ոտի կանգնեց և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Տարածված մի առած կա, չքնա՛ղ տիրուհի, թե ջանասիրությունը հաջողության մայրն է։ Փորձը ցույց է տալիս, որ հաճախ հայցատիրոջ ջանասիրությունը ամենակասկածելի գործն անգամ բարեհաջող վախճանի է հասցնում։ Սակայն ոչ մի տեղ այդ ճշմարտությունը այնքան պայծառ չի դրսևորվում, ինչպես ռազմական գործում, որտեղ շուտափույթ և արագ գործողությունը տապալում է թշնամու ծրագիրը և պսակում հաղթանակով նախքան հակառակորդի պաշտպանության դիմելը։ Ասելս այն է, ազնիվ ու անզուգական տիրուհի, որ այլևս այս դղյակում մեր մնալն ավելորդ է և մի գեղեցիկ օր անգամ կարող է կործանիչ դառնալ, որովհետև, ո՞վ գիտե, թերևս, ծպտյալ ու նախանձախնդիր լրտեսների միջոցով ձեր թշնամի հսկան արդեն տեղեկացել է, որ ես երդվել եմ նրան սպանել և ժամանակ շահելով ամրացել է որևէ անառիկ բերդում կամ դղյակում, որի դեմ անզոր են իմ եռանդն ու բազկիս զորությունը։ Ուստի, ինչպես արդեն ասացի, տիրուհիդ իմ, կանխենք նրա չար դիտավորությունը մեր ջանասիրությամբ ու անհապաղ ճամփա ընկնենք, երթանք բարով։ Երես առ երես պատահեմ ձեր թշնամուն թե չէ՝ ձերդ մեծությունն իր ցանկությունները կատարված կտեսնի։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը լռեց և այլևս բառ անգամ չավելացրեց, սպասելով հանգիստ արժանապատվությամբ չքնաղ թագաժառանգուհու պատասխանին, որը, հարմարվելով մեր ասպետի ոճին՝ վսեմ տեսքով պատասխանեց այսպես․ | ||
+ | |||
+ | ― Շնորհակալ եմ, սինյոր ասպետ, ձեր պատրաստակամության համար՝ օգնության հասնելու իմ մեծ դժբախտության միջոցին այնպես, ինչպես վայել է ու հարկավոր ասպետին օգնել որբերին ու թշվառնեին։ Թող երկնքին հաճո լինի, որ մեր ընդհանուր իղձը կատարվի, որովհետև այն ժամանակ դուք կտեսնեք, որ աշխարհիս երեսին դեռ չեն վերացել ազնիվ կանայք։ Գալով իմ մեկնելուն՝ ես պատրաստ եմ իսկույն ճամփա ընկնելու, քանի որ իմ կամքն ամեն բանում համաձայն է ձերին՝ ես ամբողջովին ձեր տրամադրության տակ եմ, ըստ ձեր ցանկության ու բարեհայեցողության։ Քանի որ ես ձեր հովանավորությանն եմ հանձնել և իմ թագավորության բախտը ձեր ձեռքն եմ տվել, ապա ես չեմ հակաճառի ձեր խոհեմության թելադրանքին։ | ||
+ | |||
+ | ― Աստված օգնական, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Երբ որ իմ աչքի առջև ստորացնում են նման մի տիրուհու, ես չեմ կամենում առիթը բաց թողած լինել՝ բարձրացնելու և իր նախնիների գահին բազմեցնելու։ Անհապաղ շարժվենք՝ անհամբերությունն ու երկար ճամփան շտապեցնում են ինձ, որովհետև զուր չի ասված, թե հապաղումը կորստաբեր է։ Երկինքը դեռ չի ստեղծել և դժոխքը չի տեսել մեկին, որ ինձ ահ ու սարսափ ներշնչեր, ուստի, Սանչո, թամբիր Ռոսինանտին, փալանիր էշը և պատրաստիր թագուհու երիվարը, հրաժեշտ տանք այս դղյակի տիրոջն ու այս սինյորներին, այստեղից սլանանքն դեպի մեր նպատակետը։ | ||
+ | |||
+ | Սանչոն, որ ներկա էր այս խոսակցությանը, գլուխն օրորելով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, տեր իմ, տեր իմ, ամոթ չլինի ասել՝ գյուղի գործը ավելի վատ է, քան թվում է։ | ||
+ | |||
+ | ― Ի՞նչն է վատ գյուղում, ասենք՝ աշխարհիս բոլոր քաղաքներում էլ, որ արատավորեր իմ պատիվը, ախմա՛խ։ | ||
+ | |||
+ | ― Եթե ձերդ ողորմածությունը բարեհաճում է զայրանալ, ― պատասխանեց Սանչոն, ― ես կլռեմ և չեմ ասի այն, ինչ որ պարտավոր եմ ասելու՝ իբրև բարի զինակիր և հավատարիմ ծառա։ | ||
+ | |||
+ | ― Ուզածդ ասա, ― ասաց դոն Կիխոտը, ― միայն թե մի՛ երևակայիր, որ ես քո խոսքից վախեցող եմ։ Դու ինչ֊որ բանից երկյուղ ունես, դա քո սովորությունն է, իսկ ինչ իմ սովորությունն է՝ ոչ մի բանից չվախենալ։ | ||
+ | |||
+ | ― Մեղապարտ լինեմ, այդ չէ բանը, ― պատասխանեց Սանչոն, ― ես ասում եմ և էլի կասեմ՝ այդ սինյորան, որ իր ասելով Միկոմիկոնի մեծ թագավորության թագուհին է, նույնպես թագուհի է, ինչպես իմ մայրը։ Եթե նա իր ասածը լիներ, անդադար և ամեն մի պատեհ առիթի չէր պաչպաչվի այստեղ գտնվող մի ջահելի հետ։ | ||
+ | |||
+ | Սանչոյի այդ խոսքերից Դորոթեան շիկնեց, որովհետև, իրավ, նրա ամուսին դոն Ֆերնանդոն մի քանի անգամ ուրիշներից թաքուն քաղել էր իր շուրթերից պարգևի մի մասը, որին արժանացել էր իր սերը (իսկ Սանչոն տեսել էր և վճռել, որ նման անպարկեշտությունն ավելի վայել է պալատական ցոփ մի կնոջ, քան թե այնքան մեծ թագավորության մի թագուհու) ուստի Դորոթեան չկամեցավ և չէր էլ կարող պատասխանել Սանչոյի ասածի դեմ, իսկ Սանչոն շարունակում էր դուրս տալ․ | ||
+ | |||
+ | ― Այդ նրա համար եմ ասում, տեր իմ, որ եթե մենք սար ու ձոր ենք կտրելու, անց կացնելով վատ գիշերներ և վատթար օրեր, իսկ այս պանդոկում եղած ջահելներից մեկը քաղելու է մեր հոգնության պտուղը, կարիք չկա, որ ես շտապեմ թամքելու Ռոսինանտը, փալանելու իմ էշը և պատրաստելու երիվարը՝ ավելի լավ է մնանք հանգիստ։ Պոռնիկները թող իրենց թելը մանեն, իսկ մենք մեր ճաշն անենք։ | ||
+ | |||
+ | Տե՜ր Աստված, որքան մեծ էր դոն Կիխոտի զայրույթը, իր զինակրի անվայելուչ խոսքերից հետո։ Այնքան, որ նրա ձայնը կտրվեց, լեզուն կապվեց, աչքերից կայծեր ցայտեցին և նա ասաց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ստոր ռամիկ, անկիրթ, անզգամ, տգետ, տխմար, կակազ, բամբասող ու զրպարտիչ։ Դու հանդգնեցիր իմ և այս երևելի սինյորների ներկայությամբ նման խոսքե՞ր և հանդգնեցիր նման անամոթ ու ժպիրհ մտքեր գլխիցդ անց կացնել։ Գնա՛֊կորի՛ր, հրեշ, ստի պահեստ, խաբեբայության սնդուկ, խարդախության շտեմարան, լրբության գյուտարար, անմտություններ տարածող, ոտնձգությո՞ւն ես անում ընդդեմ հարգանքի, որ վայել է թագավորական տոհմի անձանց։ Կորի՛ր և աչքիս չերևա՛ս, թե չէ՝ վախեցի՛ր իմ ցասումից։ | ||
+ | |||
+ | Այս ասելուց նա խոժոռում էր հոնքերը, փքում այտերը, աչքերն ամեն կողմ գցում և, վերջապես, աջ ոտը ուժգին խփեց գետնին՝ պարզ նշան նրա կրծքում եռացող ցասումի։ Նրա ահարկու խոսքերն ու կատաղի շարժուձևերը Սանչոյին այնպիսի ահ ու դող սաստեցին, որ եթե նրա ոտի տակ հողը պատռեր ու կլաներ նրան՝ նա կուրախանար։ Նա չգիտեր, թե ինչ անի, մեջքը շուռ տվեց և բարկացած տիրոջից փախուստ տվեց։ Սակայն այստեղ խելամիտ Դորոթեան, որ շատ լավ էր ըմբռնել դոն Կիխոտի բնավորությունը, նրա զայրույթը մեղմելու համար ասաց․ | ||
+ | |||
+ | ― Մի՛ք բարկանա, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, այն պարապ խոսքերից, որ արտասանեց ձեր բարի զինակիրը, թերևս նա առանց հիմքի չասաց, քանի որ նրա առողջ միտքն ու քրիստոնեական խիղճը թույլ չեն տալիս կասկածել, թե նա կամեցավ սուտ վկայությամբ վնասել մեկնումեկին։ Ուստի, մենք անտարակույս պետք է հավատանք, որ այս դղյակում ամեն ինչ կախարդված է ձեր ասածի պես, սինյոր ասպետ, և կարող է պատահել, ասում եմ, որ այս դիվային եղանակով Սանչոն իմ պատիվն արատավորող որևէ բան տեսած լինի։ | ||
+ | |||
+ | ― Ամենակարողն Աստված վկա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ ձերդ մեծությունը դիպավ նշանին և որ չար մի տեսիլ կանգնել է այդ մեղավոր Սանչոյի առջև, և նա այնպիսի բաներ է տեսել, որ անկարելի է տեսնել առանց կախարդության։ Ախր, ես այդ խեղճ մարդու բարությունն ու անմեղությունը լավ գիտեմ, նա սուտ վկայության անընդունակ է։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ որ ճիշտ, ― ասաց դոն Ֆերնանդոն, ― ուստի, սինյոր դոն Կիխոտ, դուք պետք է նրան ներեք և վերստին շնորհեք նրան ձեր ողորմածությունը sicut erat in pricipio,<ref>Ինչպես դա եղել է սկզբում։</ref> ինչպես եղել է նախքան այդ տեսիլքներից նրա խելակորույս լինելը։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը պատասխանեց, թե կների։ Քահանան գնաց Սանչոյի ետևից, որը խոնարհ մոտեցավ, չոքեց իր տիրոջ առջև ու համբուրեց նրա ձեռքը։ Դոն Կիխոտը մեկնեց ձեռքը, թույլ տվեց հանբուրել և, տալով նրան իր օրհնությունն, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այսուհետև դու պիտի ճանաչես, Սանչո որդյակս, ճշմարտությունը քանիցս ասածիս, որ այս դղյակում ամեն ինչ կախարդված է։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ եմ այդպես կարծում, ― ասաց Սանչոն, ― բացի վերմակի վրա վեր֊վեր թռչելուց, որ տեղի ունեցավ իրականորեն, բնական կերպով։ | ||
+ | |||
+ | ― Չեմ կարծում, ― հարեց դոն Կիխոտը, ― որովհետև եթե ճշմարտապես լիներ, ես իսկույն վրեժը կհանեի և հիմա էլ վրեժխնդիր կլինեմ։ Սակայն ոչ այն անգամ, ոչ ներկայիս, ես հաստատ չգիտեմ, թե ումից պիտի վրեժ առնեմ գլխիդ եկած քյալագի համար։ | ||
+ | |||
+ | Բոլորը կամեցան իմանալ, թե ինչ պատմություն է վերմակի վրա վեր֊վեր թռցնելը և պանդոկպանը պատմեց ամենայն մանրամասնությամբ Սանչոյի օդային ճամփորդությունը։ Բոլորի համար դա ծիծաղի առարկա դառավ, իսկ Սանչոյի համար՝ զայրույթի, սակայն նրա տերը նորից սկսեց համոզել նրան, որ դա կախարդանք է եղել։ Սակայն, իր սրտի խորքում պարզամտությունը այն կետին չէր հասնում, որ հավատ ընծայեր դրան, և նա համոզված էր, որ ճիշտը առանց պատրանքի որևէ խառնուրդի այն է, որ նրան վեր֊վեր թռցնողները միս ու ոսկորից էին և ոչ թե զառանցանքի տեսիլներ, ինչպես կրկին համոզում էր իրեն իր տերը։ | ||
+ | |||
+ | Երկու օր էր անցել, ինչ այս փայլուն հասարակությունն ապրում էր հյուրանոցում։ Նրանք միտք էին անում, թե արդեն մեկնելու ժամը հասել է և վճռեցին այնպես սարքել, որ Դորոթեան ու դոն Ֆերնանդոն նեղություն չքաշեն ուղեկցելու դոն Կիխոտին մինչև նրա գյուղը և շարունակելու Միկոմիկոնի արտաքսված թագուհու պատմության խաղը, քանի որ քահանան ու դալլաքը կարող էին նրան տանել այնտեղից և փորձել տեղում բուժել նրա խելագարությունը։ Այդ նպատակով նրանք համաձայնության եկան մի գյուղացու հետ, որ պատահմամբ անցնում էր այդ ճամփով եզներով լծած սայլով և հնարեցին հետևյալը՝ նեղ տախտակից վանդակի պես մի բան շինեցին այնպիսի մեծությամբ, որ մեր ասպետը կարողանար մեջը միանգամայն հարմար տեղավորվել։ Ապա քահանայի խորհուրդով ու կարգադրությամբ դոն Ֆերնանդոն իր ընկերների հետ, դոն Լուիսը իր ծառաների հետ, բոլոր հրացանաձիգները և, վերջապես ինքը, պանդոկպանը, ով ինչպես կարող էր, դիմակավորվեցին և շորերն այնպես փոխեցին, որ դոն Կիխոտը չկարողանար ճանաչել մարդկանց, որոնց հետ ապրել էր այս դղյակում։ Այդ ամենն անելուց հետո նրանք լուռ ու մունջ ներս մտան սենյակը, որտեղ քնած էր մեր ասպետը՝ իր կրած հուզմունքներից հանգստանալու համար։ | ||
+ | |||
+ | Այն պահին, երբ դոն Կիխոտը հանգիստ քնած էր, և նրա գլխիցը չէր անցնում, թե ինչե՜ր են պատրաստվում, նրանք բոլորը միասին մոտեցան, ամուր բռնեցին նրան, ձեռն ու ոտը կապկպեցին, այնպես որ երբ մեր ասպետը տագնապալից արթնացավ, նա ի վիճակի չէր շարժվելու, և մնում էր, որ նա արմանա ու զարմանա նման արտասովոր դեմքերի տեսքից։ Իսկույն նրա գլխիցն անցավ, իր իսկ անդադրում խանգարված մտքից ներշնչված, թե բոլոր այս դեմքերը կախարդված դղյակի տեսիլներն են և թե, անտարակույս, նա ինքն էլ է կախարդված, քանի որ ո՛չ շարժվել է կարող, ո՛չ պաշտպանվել։ Մի խոսքով՝ ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես նախագծել էր այս խորամանկությունը ծրագրող քահանան։ | ||
+ | |||
+ | Մենակ Սանչոն էր պահպանել իր իսկական տեսքն ու սովորական առողջ դատողությունը, և թեև քիչ էր մնացել, որ նա էլ բռնվեր իր տիրոջ ցավով, այնուհանդերձ նա իսկույն ճանաչեց շորերը փոխած մարդկանց։ Սակայն նա սիրտ չէր անում բերանը բաց անել՝ սպասելով, թե ինչով է վերջանալու այդ հարձակումը իր տիրոջ վրա և գերումը։ Դոն Կիխոտն էլ չէր արտասանում ոչ մի բառ՝ սպասելով, թե վրա հասած դժբախտությունն ինչ վախճանի է հանգելու։ Իսկ վախճանն այն էր, որ հանդերձափոխ մարդիկ քարշ տալով բերին մի վանդակ, նրան նստեցրին մեջը և տախտակներն այնպես ամուր մեխեցին, որ նա չէր կարող քակել, եթե անգամ երկու ձեռքով ցնցելու լիներ։ | ||
+ | |||
+ | Այնուհետև վանդակը, ուսերի վրա դրին և, երբ որ դուրս էին բերում սենյակից, դալլաքը՝ փալանի տերը չէ՛, այլ մյուսը, ձայնին ահասաստ շեշտ հաղորդելով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, Տխուր Պատկերի Ասպետ, մի վշտանար, որ գերի ես ընկել, դա անհրաժեշտ է շուտափույթ ավարտելու համար սխրագործությունը, որին պարտավորեցրել է քեզ քո արիությունը, և որը կհանգի իր վախճանին, երբ որ Լամանչի ամեհի առյուծն ու տոբոսցի ճերմակ աղավնին միանան, և նրանց հպարտ գլուխները կխոնարհվեն ամուսնության քաղցր լծի տակ։ Այդ անլուր միությունից լույս աշխարհ կգան և կփայլեն արի կորյուններ՝ հուժկու ճիրաններով, իրենց հզոր հոր նման։ Եվ դա տեղի կունենա ավելի շուտ, քան խուսափող նիմֆային հետապնդողը<ref>Երբ արեգակը (Ապոլլոնը, որ հետապնդում է Դաֆնա հավերժահարսին) երկու անգամ շրջան քաշի երկնքում, անցնելով կենդանակերպի նշանները, այսինքն՝ երկու ժամից հետո։ </ref> իր բնական ու սրընթաց վազքով երկու անգամ կանցնի աստղազարդ երկնակամարի նշանները։ Եվ դո՛ւ, կողքին՝ թուր, ծնոտին՝ միրուք, քթածակերում հոտառություն ունեցող զինակիրներից ամենաազնիվն ու հնազանդը աշխարհիս երեսին, մի՛ վշտանար և մի՛ դժգոհիր՝ տեսնելով, որ քո աչքի առաջ այսպես են տանում թափառական ասպետության ծաղկին։ Շուտով, եթե կամենա աշխարհիս արարիչը, դու կտեսնես քեզ այնքան բարձր ու վեհ, որ ինքնդ քեզ չես ճանաչի և քո բարի տիրոջ տված խոստումները ապարդյուն չեն մնա։ Հավատացնում եմ քեզ իամստուն Մենտիրոնիանայի անունից,<ref>Mentironiana ― ազատ թարգմանությամբ «ստախոս» (mentira ―ստախոսություն)։</ref> որ քո ռոճիկը վճարված կլինի, ինչպես դու կտեսնես գործնականում։ Հետևի՛ր զորավոր ու կախարդված ասպետին, որովհետև պետք է դու նրան ուղեկցես մինչև այն տեղը, որտեղ երկուսդ էլ պիտի կանգ առնեք։ Եվ որովհետև ինձ թույլ չի տրված ուրիշ բան ասելու, ուստի մնաս բարով, իսկ ես վերադառնամ իմ լավ գիտցած տեղը։ | ||
+ | |||
+ | Այս մարգարեական խոսքերը դալլաքն արտասանեց սկզբում սաստիկ բարձր ձայնով, ապա ձայնը մեղմացրեց և հասավ այնքան քնքուշ շեշտի, որ անգամ այս կատակին նախօրոք տեղյակները պատրաստ էին հավատալու, թե իրենց լսածը լուրջ բան է։ Գալով դոն Կիխոտին՝ մարգարեի խոստումները նրան մխիթարեցին, որովհետև նա լրիվ ըմբռնել էր նրանց իմաստը և տեսնում էր, որ նրան հուսադրում են, թե նա կզուգորդվի ամուսնական սրբազան ու օրինավոր կապերով իր սիրեցյալ Դուլսինեա Տոբոսցու հետ, թե նրա օրհնյալ արգանդից կորյուններ կծնվեն, զավակներ՝ Լամանչի մշտնջենական փառքի համար։ Հաստատ ու վերջնական կերպով հավատալով դրան՝ նա բարձրացրեց ձայնը և, խորը հոգվոց քաշելով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, դո՛ւ, ով էլ լինես, որ ինձ այդքան լավ ապագա ես խոստանում, աղաչում եմ, խնդրի՛ր իմաստուն կախարդից, որ հոգ է տանում իմ մասին, որպեսզի նա թույլ չտա, որ ես կործանվեմ այս բանտում, որի մեջ ինձ տանում են, մինչև որ չկատարվեն այդ քաղցր ու աննման խոստումները։ Եթե այդպես լինի, իմ բանտարկությունը ես փառք կհամարեմ և շխթաներս՝ ուախություն, և տեղը, որի վրա գցել են ինձ, կթվա ոչ թե կռվի դաժան դաշտ, այլ փափուկ անկողին և երջանիկ առագաստ ամուսնական։ Գալով իմ զինակիր Սանչո Պանսային տվածդ մխիթարանքին՝ նրա բարությունն ու ազնվությունը երաշխավորում են, որ նա ինձ երբե՛ք չի լքի ո՛չ բարի, ո՛չ էլ սև օրիս։ Եթե պատահի նրա և իմ չար բախտից, որ ես չկարողանամ նրան նվիրել խոստացածս կղզին, կամ որևէ այլ հավասարարժեք բան, ապա առնվազն նա չի կորցնի իր ռոճիկը, որովհետև ես իմ կտակում գրել եմ, թե որքան եմ կամենում, որ նրան տրվի, ո՛չ, անտարակույս, համեմատ նրա մեծ ու լավ ծառայության, այլ գեթ համեմատ իմ կարողության։ | ||
+ | |||
+ | Սանչո Պանսան շատ քաղաքավարի խոնարհվեց և համբուրեց իր տիրոջ երկու ձեռքը (եթե ուզեր էլ, մեկը չէր կարող, քանի որ երկուսն էլ կապված էին իրար)։ | ||
+ | |||
+ | Ուրվականները բարձրացրին վանդակը և դրեցին եզներով սայլի վրա։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLVII== | ||
+ | |||
+ | Թե ինչ տարօրինակ կերպով կախարդվեց դոն Կիխոտ Լամանչեցին և ինչ այլ զարմանալի դեպքեր պատահեցին | ||
+ | |||
+ | |||
+ | Երբ դոն Կիխոտը տեսավ, թե ինչպես են իրեն վանդակի մեջ գցել և դրել սայլի վրա, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Բազմաթիվ և շատ երևելի պատմություններ եմ կարդացել ես թափառական ասպետների մասին, սակայն երբեք չեմ կարդացել, չեմ տեսել ու լսել, որ կախարդված ասպետներին այս տեսակ առևանգած լինեն՝ ծույլ անասունների համր ու դանդաղ քայլով։ Սովորաբար միշտ նրանց օդի միջով են տանում, արտասովոր արագությամբ, գորշ կամ սև ամպով պարուրած կամ թե չէ հրեղեն կառքով, հիպոգրիֆի կամ մի այլ նման հրեշի վրա։ Բայց թե առևանգեն եզներ լծած սայլով, Աստված վկա, ես բոլորովին շփոթվում եմ։ Թեև, հնարավոր է, որ մեր ժամանակվա ասպետականությունն ու կախարդանքը, այլ ճամփով պիտի ընթանան, քան անցյալ դարերինը, թերևս, որովհետև ես աշխարհիս երեսին նոր ասպետ եմ և առաջինը, որ հարություն տվեց արկածախնդիր ասպետների գործունեությանը, մեր օրերում հնարված լինեն կախարդանքի նոր ձևեր և կախարդվածներին առևանգելու նոր եղանակներ։ Խելքդ ի՞նչ է կտրում, Սանչո զավակս։ | ||
+ | |||
+ | ― Իսկի՛ բան չի կտրում, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ես թափառական գրքեր չեմ կարդացել, ինչպես ձեր ողորմածությունը։ Թեև, դարձյալ կհանդգնեի հաստատել և երդվել, որ մեր կողքին քայլող այս ուրվականները բնավ կաթոլիկ չեն։ | ||
+ | |||
+ | ― Կաթոլիկնե՞ր։ Հոգյա՛կս։ ― Բացականչեց դոն Կիխոտը։ ― Ինչպե՞ս կարող են կաթոլիկ լինել, քանի որ նրանք բոլորն էլ դևեր են, ուրվականների կերպարանք են ընդունել, որ այս խաղը խաղան և ինձ այս օրը գցեն։ Եթե ուզում ես համոզվել, որ ասածս ճիշտ է, ձեռք տուր, շոշափի՛ր նրանց, և դու կտեսնես, որ նրանց մարմինը օդեղեն է և որ այդ ամենը առերևույթ բան է։ | ||
+ | |||
+ | ― Աստված վկա, սինյոր, ես նրանց ձեռք եմ տվել։ Ահա այս դևը, որ այնքան արագ է քայլում, փափլիկ մարմին ունի։ Նա մի հատկություն ունի, որ ամենևին դևերը չեն ունենում՝ ասում են, թե դևերից ծծումբի և այլ վատ հոտ է գալիս, իսկ սրանից կես մղոնից անուշ հոտ է փչում։ | ||
+ | |||
+ | Սանչոն դոն Ֆերնանդոյի մասին էր ասում, որ իբրև խոշոր ավատատեր, ուներ, իրոք, Սանչոյի ասած բուրմունքը։ | ||
+ | |||
+ | ― Դրանից մի՛ զարմանա, Սանչո բարեկամ, ― ասաց դոն Կիխոտը, ― դու պետք է իմանաս, որ սատանաները շատ բանիմաց են՝ թեև նրանք հոտ են ունենում, սակայն իրենք այդ չեն զգում, որովհետև ոգիներ են։ Իսկ եթե նրանցից հոտ է գալիս, ապա նրանց հոտը լավ չի կարող լինել, այլ վատ ու նեխված։ Պատճառն այն է, որ նրանք հետները դժոխք են կրում, և նրանց տանջանքը ոչինչ չի կարող մեղմացնել և քանի որ լավ հոտը ուրախացնող և զվարթացնող բան է, ապա ուրեմն անկարելի է, որ նրանցից լավ հոտ գա։ Ուստի, եթե քեզ թվում է, որ այդ մեկից անուշ հոտ է գալիս, ապա դու կամ սխալվում ես, կամ նա կամենում է քեզ խաբել, որպեսզի դու գլխի չընկնես, թե նա դև է։ | ||
+ | |||
+ | Տիրոջ ու ծառայի միջև այսպիսի խոսակցություն տեղի ուներ, իսկ դոն Ֆերնանդոն և Կարդենիոն՝ երկյուղ կրելով, թե միգուցե Սանչոն գլխի ընկնի իրենց նյութած խորամանկությունը (մի բան, որին նա արդեն մոտ էր), որոշեցին արագացնել մեկնումը և, մի կողմ կանչելով պանդոկպանին, կարգադրեցին, որ թամքի Ռոսինանանատը և փալանի Սանչոյի էշը, որ և կատարեց խիստ արագ։ Նույն միջոցին քահանան հրացանաձիգների հետ համաձայնության եկավ օրավարձի մասին, որպեսզի նրանք ուղեկցեն իրենց մինչև գյուղը։ Կարդենիոն Ռոսինանտի թամքի առջևից կախեց, մի կողմից՝ վահանը, մյուսից՝ դալլաքի լագանը և նշան արեց Սանչոյին, որ իր էշը նստի և Ռոսինանտին քաշի ետևից, իսկ սայլի երկու կողքին նստացրեց երկու հրացանաձիգներին, իրենց պատրույգավոր հրացաններով։ Սակայն նախքան պանդոկից դուրս գալը, պանդոկպանի կինը, նրա աղջիկն ու Մարիտորնեսը եկան դոն Կիխոտին հրաժեշտ տալու, ― նրան վրա հասած դժբախտությունը ողբալու ձև անելով։ Տեսնելով այդ՝ դոն Կիխոտը նրանց ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լաց մի՛ք լինի, իմ բարի տիկնայք, բոլոր այս դժբախտությունները կապած են այն արհեստին, որին ես նվիրված եմ։ Եթե այս տառապանքները չպատահեին, ես ինձ հռչակավոր թափառական ասպետ չէի համարի, որովհետև աննշան անուն ու հռչակ վայելող ասպետները նման բաների ենթակա չեն, և նրանց հիշատակը մարում է նրանց հետ միասին։ Դա՛ է հզոր ասպետների վիճակը, որոնց նախանձում են բազմաթիվ թագաժառանգներ և այլ ասպետներ նրանց առաքինության և արիության համար և աշխատում են վատ ճանապարհներով կործանել լավերին։ Այնուամենայնիվ, առաքինությունն այնքան զորավոր է, որ, հակառակ ամեն մոգության, որ հայտնի է եղել նրա առաջին հայտնագործող Զրադաշտին, հաղթանակող դուրս կգա փորձությունից և իր լույսը կսփռի աշխարհիս վրա, ինչպես արևը՝ երկնքում։ Ներեցեք ինձ, չքնաղ տիկիններ, եթե ակամա ձեզ որևէ տհաճություն եմ պատճառել, որովհետև կամովին ու գիտակցաբար ես երբեք ոչ ոքի չեմ վշտացրել, և աղոթեցեք Աստծուն, որ ինձ ազատի այս բանտից, որի մեջ ինձ գերի է վարել ինչ որ չար կախարդ։ Եվ երբ որ ես վերստին ազատ դառնամ, իմ հիշողությունից չեն ջնջվի շնորհները, որ այս դղյակում դուք արել եք ինձ, և ես ըստ արժանվույն շնորհակալ կլինեմ իմ ծառայությամբ։ | ||
+ | |||
+ | Դղյակի տիկինների հետ դոն Կիխոտի այս խոսակցության միջոցին քահանան ու դալլաքը հրաժեշտ տվին դոն Ֆերնանդոյին ու նրա ընկերներին, կապիտանին ու նրա եղբորը և իրենց բախտից գոհ բոլոր կանանց, մանավանդ՝ Դորոթեային և Լյուսինդային։ Բոլորը գրկախառնվեցին և խոստացան հետագայում հաղորդել իրար իրնեց գործերի ապագայի մասին։ Դոն Ֆերնանդոն, հաղորդելով, թե ուր պիտի գրեն իրեն, թախանձեց, որ քահանան հաղորդի, թե ինչ կպատահի դոն Կիխոտին՝ հավատացնելով, որ աշխարհիս երեսին դրանից ավելի հաճելի բան չի լինի իր համար։ Ինքն էլ խոստացավ հաղորդել քահանային այն ամենը, որ նրան կարող է հետաքրքրել՝ իր հարսանիքի, Զորաիդայի մկրտության, դոն Լուիսի բախտի և Լյուսինդայի հայրենական տուն վերադառնալու մասին։ Քահանան խոստացավ, թե կետ առ կետ կկատարի նրա խնդիրքը։ Ապա նրանք կրկին գրկախառնվեցին և նորից առաջարկեցին իրար իրենց ծառայությունը։ Իսկ պանդոկպանը մոտեցավ քահանային և տվեց նրան ինչ֊որ թղթեր, ասելով, թե գտել է ճամպրուկի աստառի տակից, որտեղից գտնված էր Անխոհեմ֊հետաքրքիրի վեպը և ավելացրեց, թե նա կարող է բոլորը հետը տանել, քանի որ ճամպրուկի տերը երբեք չի եկել նրանց ետևից, իսկ իրեն պետք չեն, որովհետև կարդալ չգիտե։ Քահանան շնորհակալ եղավ և, բաց անելով ձեռագիրը, կարդաց վերնագիրը՝ «Ռինկոնենտեի և Կորտադիլիոյի վեպը», գլխի ընկավ, թե դա ինչ֊որ վեպ է և խորհեց, թե քանի որ Անխոհեմ֊հետաքրքիրի վեպն այնքան լավն էր, ապա հնարավոր է, որ սա նրանից վատը չէ, որովհետև ըստ ամենայնի երկուսն էլ պատկանում են միևնույն հեղինակին։ Ուստի նա վերցրեց ազատ ժամերին կարդալու դիտավորությամբ։ | ||
+ | |||
+ | Ապա նա ձի հեծավ, ինչպես և իր բարեկամ դալլաքը, առանց դիմակները հանելու, որովհետև նրանք չէին կամենում, որ դոն Կիխոտն իրենց ճանաչի և գնացին սայլի ետևից։ Թափորի կարգը հետևյալն էր՝ առաջից գնում էր սայլը, որ քշում էր իր տեր գյուղացին։ Երկու կողքից, ինչպես մենք արդեն ասացինք, հրացանաձիգներն էին գնում՝ պատրույգավոր հրացաններով։ Ապա գալիս էր Սանչո Պանսան էշի վրա՝ ետևից քաշելով Ռոսինանտին։ Ետևից ջորիների վրա, դիմակները դեմքերին քահանան ու դալլաքն էին, ողջ թափորը առաջ էր ընթանում ծանր ու դանդաղ՝ համակերպվելով եզների քայլվածքին։ Դոն Կիխոտը նստած էր իր վանդակի մեջ, ձեռները կապկպած, հենված ճաղերին և ոտները մեկնած, այնքան անշարժ ու լուռ, որ ավելի քարե արձան էր հիշեցնում, քան կենդանի մարդու։ Այսպես, դանդաղ քայլերով և խորին լռությամբ անցան նրանք կես մղոնի չափ և երբ որ հասան մի հովտի, սայլապանը հայտարարեց, որ սա հանգիստ առնելու և եզներին արածացնելու վայր է։ Սակայն դալլաքը, խորհրդակցելով քահանայի հետ, առաջարկեց մի քիչ հեռու անցնել, որովհետև նա գիտեր, որ երևացող բլուրի մոտ մի ուրիշ հովիտ կա՝ առավել թավ ու հյութալի խոտով, քան այստեղ, որտեղ մտադրություն կար հանգիստ առնելու։ Բոլորը համաձայնեցին դալլաքին և շարունակեցին ուղին։ | ||
+ | |||
+ | Այս վայրկյանին քահանան ետ նայեց և տեսավ, որ ետևից վեց֊յոթ ձիավորներ են գալիս՝ լավ հագնված ու կարգ ու սարքը տեղը, որոնք շուտով հասան մեր ճամփորդներին, որովհետև ծույլ ու դանդաղկոտ եզներով չէին գալիս, այլ ջորիներով, որ ունենում են եկեղեցականները և շտապում են միջօրեի հանգիստ առնել պանդոկում, որ մեկ մղոնից հեռու չէր այդտեղից։ Փութկոտները հասան դանաղաշարժներին և սիրալիր ողջույն տվին։ Եկվորներից մեկը, ինչպես հետո պարզվեց՝ տոլեդոյի եկեղեցական և իրեն ուղեկցողների տերը, տեսնելով այս տարօրինակ թափորը՝ սայլը, հրացանաձիգներին, Սանչոյին, Ռոսինանտին, քահանային, դալլաքին և մանավանդ կապկպած ու վանդակը նստեցրած դոն Կիխոտին, չկարողացավ զսպել իրեն և չհարցնել, թե ինչ կնշանակի այդ մարդուն այն եղանակով տանելը (թեև հրացանաձիգների կրած նշանները նրանց հասկանալ տվին, թե սա պետք է գող կամ այլ հանցագործ լինի, որին պատժելը Սանտա Հերմանդադին է պատկան)։ Հրացանաձիգներից մեկը, որին նա դիմեց, պատասխանեց նրան․ | ||
+ | |||
+ | ― Այս ասպետից հարցրեք, թե ինչ կնշանակի, որ նրան այս եղանակով են տանում, որովհետև մենք ոչինչ չգիտենք։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը լսելով այս խոսակցությունն, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածություն, սինյոր ասպետներ, բավականաչափ տեղյակ ու փորձվա՞ծ եք այն ամենի մեջ, ինչ վերաբերում է թափառական ասպետությանը։ Եթե այո՛, ապա ես կհաղորդեմ իմ դժբախտության մասին, իսկ եթե ո՛չ, ապա կարիք չկա, որ ես նեղություն քաշեմ բացատրություններ տալով։ | ||
+ | |||
+ | Նույն պահին քահանան ու դալլաքը, նկատելով, որ եկվորները խոսակցում են դոն Կիխոտ Լամանչեցու հետ, մոտ եկան պատասխան տալու համար, որպեսզի իրենց խորամանկությունը չբացվի։ | ||
+ | |||
+ | Եկեղեցականը դոն Կիխոտի հարցին պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ճիշտն ասած, որդիս, ես Վիլյալպանդոյի Sumulas֊ից<ref>Աստվածաբան Գասպար Կարդիլյո դե Վիլյալպանդոյի «Summa summularum» (կրճատ կոչվում է «Summulas») աշխատությունը (հրատ․ 1557), որն այն ժամանակ տրամախոսության ամենատարածված ձեռնարկն էր։</ref> ավելի շատ ասպետական վեպեր կլինեմ կարդացած, այնպես որ, եթե բանն այդ է, ապա կարող եք ապահովաբար հաղորդել ինձ, ինչ որ կամենաք։ | ||
+ | |||
+ | ― Աստված օգնական, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե այդպես է, խնդրեմ, սինյոր ասպետ, իմանաք, որ ես կախարդված և այս վանդակի մեջ եմ նետված չար կախարդների նախանձից ու նենգությունից, որովհետև առաքինությունը ավելի է հալածվում չար մարդկանց կողմից, քան սիրվում է բարիներից։ Ես թափառական ասպետ եմ և ոչ նրանց թվից, որոնց անունը չի հավերժացնում փառքը, այլ նրանցից, որոնց վիճակված է, հակառակ նախանձի, Պարսկաստանի մոգերի, Հնդկաստանի բրահմանների, Եթովպիայի մերկ փիլիսոփաների, գրել իրենց անունը անմահության տաճարում, որպեսզի գալիք դարերում օրինակ ու նմուշ լինի և որպեսզի թափառական ասպետները տեսնեն, թե ինչ ճամփով պիտի ընթանան, եթե ձգտում են հասնել ռազմական արվեստի գագաթին ու պատվաբեր բարձրունքին։ | ||
+ | |||
+ | ― Սինյոր դոն Կիխոտ Լամանչեցին ճիշտ է ասում, ― ասաց ի պատասխան քահանան, ― նա, իրոք, այս սայլով գնում է կախարդված և ոչ թե իր մեղքերի ու ոճիրների համար, այլ նրանց անհասկացողության համար, որոնց աչքում առաքինությունն անտանելի է և արիությունը՝ ատելի։ Ձեր առջև, սինյոր, Տխուր Պատկերի Ասպետն է, որի մասին դուք, թերևս, լսած լինեք։ Նրա հոյակապ գործերն ու մեծ սխրագործությունները գրած են լինելու ամուր բրոնզի և հավերժական մարմարի վրա, ինչքան նախանձը ճգնի նսեմացնել և ոխը՝ մոռացության մատնել։ | ||
+ | |||
+ | Եկեղեցականը, լսելով թե ինչ ոճով են խոսում գերյալն ու ազատները, այնքան էր զարմացել, որ քիչ էր մնում երեսը խաչակնքի՝ նա չէր կարողանում ըմբռնել, թե հետը ինչ է պատահել, և նույն զարմանքն էր պատել նրա բոլոր ուղեկիցներին։ Այդ միջոցին Սանչո Պանսան, որ մոտեցել էր լսելու համար, թե ինչ են խոսում, կամենալով գործը պարզել, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սինյորներ, ուզեք֊չուզեք, ես պետք է ասեմ, թե բանն այն է, որ իմ տեր դոն Կիխոտը նույնպես է կախարդված, ինչպես իմ մայրը՝ նրա խելքը տեղն է, նա ուտում֊խմում ու կատարում է իր բնական պահանջները, ինչպես ուրիշ մարդիկ և ինչպես կատարում էր երեկ, նախքան այս վանդակի մեջ նետվելը։ Այս այսպես լինելուց հետո ինչպե՞ս են կամենում ինձ համոզել, թե նա կախարդված է։ Շատերից լսել եմ ես, թե կախարդվածները չեն կարող ո՛չ ուտել, ո՛չ քնել, ո՛չ խոսել, իսկ իմ տերը, եթե նրան չընդհատեն, երեսուն փաստաբանից ավելի կխոսի։ | ||
+ | |||
+ | Եվ դառնալով քահանային նա շարունակեց․ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, տեր հայր, տեր հայր, մի՞թե ձերդ ողորմածությունը կարծում է, թե ես ձեզ չեմ ճանաչում և ենթադրում, թե գլխի չեմ ընկնում և ըմբռնում, թե այս նոր կախարդանքներն ո՞ւր են տանում մեզ։ Իմացած եղեք, որ ես ճանաչում եմ ձեզ, ինչքան էլ ծածկելու լինեք ձեր դեմքը, և իմացած եղեք, որ հասկանում եմ, ինչքան էլ սքողելու լինեք ձեր խաբեությունը։ Սակայն այնտեղ, որտեղ իշխում է նախանձը, առաքինությունը չի կարող ապրել, ինչպես ժլատությունը՝ առատաձեռնության հետ։ Սատանան տանի, եթե ձերդ ողորմածությունը չլիներ, հիմա իմ տերը ամուսնացած կլիներ Միկոմիկոնի թագաժառանգի հետ, և ես առնվազն կոմս կդառնայի, որովհետև ես պակասը չէի կարող սպասել իմ տեր Տխուր Պատկերի Ասպետի բարությունից, ոչ էլ իմ բազմաթիվ ծառայություններից։ Սակայն շատ ճիշտ են ասում՝ բախտի անիվն ավելի արագ է պտտվում, քան ջաղացքարը, և ովքեր երեկ գագաթնակետին էին հասել, այսօր գետնի վրա են։ Մե՛ղք իմ երեխաներ և կին, չէ՞ որ նրանք կարող էին և պետք է հուսային, թե իրենց հայրը տուն կդառնա որպես նահանգապետ կամ որևէ կղզու կամ թագավորության փոխարքա, իսկ դրա փոխարեն նրանք կտեսնեն, որ ձիապան է ներս մտնում։ Ասելուս նպատակն այն է, տեր հայր, որ շարժեմ ձեր հայրական գութը, և դուք զղջաք ձեր վատ վերաբերմունքից իմ տիրոջ նկատմամբ, զգուշացեք, հանդերձյալ կյանքում Աստված ձեզնից հաշիվ կպահանջի նրան գերելու համար և այն օգնության ու բարի գործերի համար, որ իմ տեր դոն Կիխոտը կարող էր կատարած լինել այն ժամանակի ընթացքում, երբ նա գերված էր։ | ||
+ | |||
+ | ― Ա՜յս էր պակաս, ― վրա բերեց դալլաքը։ ― Ուրեմն դուք, Սանչո, ձեր տիրոջ կտո՞րն եք։ Աստված վկա, ինչպես ձեզ եմ տեսնում, դուք արժանի եք ձեր տիրոջ հետ վանդակում եղբայրակցելու, որովհետև դուք էլ եք կախարդված և վարակված ասպետական ցնդաբանություններով։ Տարաժամ եք ուռել նրա խոստումներից և ո՛չ բարով մտցրել ձեր գլուխը ցանկալի կղզին։ | ||
+ | |||
+ | ― Ես ոչ մի բանից չեմ ուռել, ― պատասխանեց Սանչոն, ― ես այն տեսակ մարդ չեմ, որ թողնեմ ինձ ուռցնեն, նույնիսկ թագավորին։ Եվ թեև աղքատ մարդ եմ, բայց հին քրիստոնյա եմ և ոչ ոքի բան չեմ պարտ։ Իսկ եթե կղզի եմ ցանկանում, ի՞նչ կա որ, ուրիշներն էլ ուրիշ և ավելի վատ բաներ են ցանկանում։ Ամեն ոք իր գործերի զավակն է։ Ես մարդ եմ և իբրև մարդ կարող եմ պապ դառնալ, ուր մնաց թե կղզու նահանգապետ, և իմ տերը կարող է այնքան կղզի նվաճել, որ ինքն էլ չիմանա, թե ում տա։ Խորհեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր դալլաք, թե ինչեր եք խոսում։ Դա ամենևին մորուք ածիլել չի՝ և Պետրոսը Պետրոսից տարբեր է լինում։ Ասելս այն է, որ մենք բոլորս իրար ճանաչում ենք և ես գառ բռնող չեմ։ Գալով իմ տիրոջ կախարդված լինելուն՝ Աստված տեսնում է ճշմարտությունը։ Այստեղ էլ կանգ առնենք, կարիք չկա պնդել դրա վրա։ | ||
+ | |||
+ | Դալլաքը չկամեցավ Սանչոյին պատասխանել՝ զգուշանալով, թե միգուցե իր պարզամտությամբ նա բաց անի այն, ինչ որ ինքն ու քահանան այնքան աշխատում էին ծածկել։ Նույն այդ պատճառով քահանան ասաց եկեղեցականին, որ հետը քիչ առաջ անցնի, որպեսզի ինքը պատմի վանդակի գաղտնիքը և այլ զվարճալի բաներ։ Եկեղեցականը համաձայնեց և, քահանայի ետևից իր ընկերակիցների հետ առաջ ընկավ և ուշի֊ուշով ունկնդրեց նրա պատմությունը դոն Կիխոտի կենցաղի, կյանքի, խելագարության ու սովորությունների մասին՝ կարճառոտ նկարագրելով նրա ցնորամտության սկիզբը և պատճառը և արկածներն ու նրանց զարգացումը մինչև այն ժամը, երբ նրան փակեցին այս վանդակում, որպեսզի տանեն իր տունը և փորձեն նրան բժշկել։ Եկեղեցականն ու նրա ուղեկիցները մնացել էին զարմացած դոն Կիխոտի արտասովոր պատմությունից, և լսելուց հետո եկեղեցականն ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ճշմարիտ որ, տեր հայր, ես այն կարծիքին եմ, որ այս ասպետական կոչեցյալ գրքերը սաստիկ վնասակար են պետությանը։ Մղված վատ ճաշակից ու պարապությունից՝ ես կարդացել եմ գրեթե բոլոր տպագիր գրքերի սկիզբը և երբեք չեմ կարողացել ստիպել ինքս ինձ նրանցից որևէ մեկը սկզբից մինչև վերջ կարդալ, որովհետև ինձ թվացել է բոլորն էլ, մեկն ավելի, մյուսը՝ պակաս, միևնույն բանն են և ոչ մեկում չի լինում գտնել ավելին, քան մյուսում։ Ըստ իս, գրվածքների այս սեռը, նրանց հյուսվածքը հար ու նման են Միլեթի հեքիաթներին ― անմիտ զրույցներ, որ կարող են լոկ հաճույք պատճառել, բայց ոչ ուսուցել։ Ընդհակառակը՝ ապոլոգների հեքիաթները<ref>Միլեթի հունական հեքիաթների մասին, որոնք ծագել կամ հատկապես տարածվել են Միլեթ քաղաքում։ Այդ հեքիաթները մինչև մեր օրերը չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նրանք աչքի են ընկել արկածախնդրական տարրերի՝ ինչպես և գռեհիկ ու հաճախ անվայել երգիծանքի առատությամբ։ Ապոլոգներ (առակներ) այսինքն՝ բարոյախոսական բնույթի այլաբանական պատմվածքներ, որոնք մեծ մասամբ արևելյան ծագում ունեն և շատ տարածված են եղել միջին դարերում։</ref> միաժամանակ հաճելի են և ուսանելի։ Եվ եթե նման գրքերի գլխավոր նպատակը հաճույք պատճառելն է, ապա ես չգիտեմ, ինչպես են կարող նրանք իրենց նպատակին հասնել, քանի որ լի են այնքան վայրենի անմտություններով։ Հաճույքը, որ ծագում է մեր հոգում, իրերի գեղեցկությունից ու ներդաշնակությունից է, որ մենք տեսնում կամ ըմբռնում ենք երևակայությամբ, իսկ տգեղ ու տձև երևույթները մեզ չեն կարող բավարարել։ Արդ, ի՞նչ գեղեցկություն կարող է լինել, մասերի համապատասխանություն ամբողջի և ամբողջինը՝ մասերի, մի վեպում կամ պատմվածքում, որի մեջ տասնվեց տարեկան տղան խոցում է թրով աշտարակի հասակ ունեցող հսկային և նրան երկու կտոր է անում, ասես թե գաթա լինի կամ թե չէ ճակատամարտ է նկարագրվում, և հեղինակը հաղորդում է մեզ, թե թշնամու բանակում մեկ միլիոն մարտիկ է լինում և բավական է լինում, որ գրքի հերոսը ելնում է նրանց դեմ մեն֊մենակ ― ուզես֊չուզես հավատա՛ ― և ասպետը իր հզոր բազկի ուժով կատարյալ հաղթանակ է տանում։ Ի՞նչ կասենք այն դյուրության, որով մի թագուհի կամ մեծ կայսրության ժառանգ նետվում է անհայտ թափառական ասպետների գիրկը։ Ինչ անտաշ ու բարբարոսական երևակայություն է պետք հաճույք ստանալու համար՝ թե ասպետներով լի մի բարձր աշտարակ լողում է ծովի մեջ առագաստանավի պես, փչում է հաջողակ քամի, և այսօր նավը Լոմբարդիայի ափերի մոտ է, իսկ վաղը առավոտյան՝ Հնդկաստանում, Խուան երեցի հողում կամ այլ երկրներում, որ ո՛չ Պտղոմեոսն է նկարագրել, ո՛չ Մարկո Պոլոն տեսել։<ref>Պտողոմեոս ― հունական աշխարհագետ մեր թվականության II դարում։ Մարկո Պոլո ― իտալացի ճանապարհորդ, շրջագայել է ամբողջ Ասիան, ներառյալ և Ճապոնիան։</ref> Իսկ եթե ինձ առարկելու լինեն, թե այս գրքերի հեղինակները հեքիաթներ են տալիս և պարտադիր չեն համարում պահպանել ճշտություն ու համաչափություն, ապա ես կպատասխանեմ, որ հերյրուրանքն այնքան ավելի լավ է, որքան նման է ճշմարտության և այնքան ավելի հաճելի, որքան ավելի մոտ են հավանական ու հնարավորին։ Հերյուրած պատմությունները պետք է համապատասխանեն ընթերցողի ըմբռնումին և պետք է այնպես գրվեն, որ անկարելին մեղմանա, չափազանցը հարթվի և, մեր ուշադրությունը գրավելով, նրանք հիացում առաջ բերեն, զարմանք, հուզմունք և հաճույք, միաժամանակ և միաչափ ներշնչեն և՛ զարմանք, և՛ խնդություն։ Իսկ այդ նպատակին երբեք չի հասնի մի գրող, որ խուսափում է նման լինել ճշմարտության և նմանողությունից, իսկ գրական գործի կատարելությունն էլ հենց այդ է։ Ես երբեք չեմ հանդիպել մի ասպետական վեպի, որի ֆաբուլան մի մարմին կազմեր բոլոր իր անդամներով այնպես, որ մեջտեղը համապատասխաներ սկզբին, իսկ վերջավորությունը՝ սկզբին ու մեջտեղին։ Սովորաբար հեղինակներն այնքան բազմաթիվ անդամներից են հյուսում, որ կարծես թե միտք են դրել հրեշ ստեղծելու, և ոչ թե համաչափ մի կերպարանք։ Բացի այդ՝ նրանց ոճը կոպիտ է, արվածները՝ անհավատալի, սիրահարությունները՝ վավաշոտ, վարվեցողությունն՝ անկիրթ, մարտագրություններն՝ անվախճան, դատողություններն՝ անիմաստ, ուղեգրություններն անմիտ, վերջապես, նրանք այնքան զուրկ են ճշմարիտ արվեստից, որ պետք էր նրանց աքսորել քրիստոնյա պետություններից, որպես անպետք մարդկանց։ | ||
+ | |||
+ | Քահանան ուշի֊ուշով ունկնդրում էր․ եկեղեցականը նրան թվաց խելացի մարդ և ասածները՝ իմաստալից, ուստի նա ասաց, որ ինքն էլ նույն կարծիքին է, ատելով ատում է ասպետական գրքերը և իր ժամանակին այրել է դոն Կիխոտի բազմաթիվ գրքերը։ Նա պատմեց, թե ինչպես ինքը քննություն կատարեց՝ հիշատակելով, թե որոնք է մատնել կրակի և որոնք խնայել։ Եկեղեցականը շատ ծիծաղեց և ասաց, որ չնյած այդ գրքերի բոլոր պակասություններին, նրանց մեջ քիչ֊շատ լավ բան էլ կա, այն է՝ նրանց նյութը թույլ է տալիս լուսամիտ մարդուն դրսևորել իր ուժերը, որովհետև լայն ու արձակ դաշտ է բացվում նրա առջև, որտեղ նրա գրիչը կարող է անարգել թափ առնել՝ նկարագրելով նավերի խորտակում, ծովի ալեկոծություն, ընդհարումներ և ճակատամարտեր։ Նա կարող է նկարագրել արի կապիտանի, նրան անհրաժեշտ բոլոր հատկություններով, որը գիտե կանխել թշնամու դավերը, որ հռետոր է և ճարտասանությամբ համոզում է կամ հետ է պահում իր զինվորներին, որ խելահաս է՝ խորհրուրդում, արագ՝ գործողության մեջ և հավասարաչափ քաջ է թե՛ սպասողական, թե՛ հարձակողական ժամին։ Նրանք կարող են նկարագրել մերթ ողբալի, մերթ ողբերգական դեպքեր, մերթ անակնկալ ուրուխ անցքեր։ Ահա մի չքնաղ տիկին՝ համեստ, խելացի և զգույշ, ահա քրիստոնյա ասպետ՝ արի և պարկեշտ, ահա մի կոպիտ քյալլագյոզ և պարծենկոտ, ահա՛ և սիրալիր, արի ու նուրբ արքայազն, որ բարի և ուղղամիտ է իրենից ստորադասների նկատմամբ, ահա ազնիվ ու վեհանձն տեր։ Հեղինակը կարող է ներկայացնել աստղագետի, աշխարհագրի և երաժիշտի, մեկին, որ տեղյակ է պետական գործերին, իսկ հարմար առիթով՝ մոգի։ Նա կարող է պատմել մեզ հնարագետ Ուլիսից, բարեպաշտ Էնեոսից, արի Աքիլլեսից, Հեկտորի դժբախտություններից, Սինոնի դավաճանությունից, Էվրիայի բարեկամությունից, Ալեքսանդրի առատաձեռնությունից, Կեսարի քաջությունից, Տրայանոսի մեղմությունից ու ճշմարտասիրությունից, Զոպերի հավատարմությունից, Կատոնի իմաստությունից, մի խոսքով՝ բոլոր հատկություններից, որ մեծ մարդկանց կատարյալ են դարձնում։ Նրանցից է կախված բոլոր այդ հատկությունները մի հերոսի հատկացնել, թե բաժանել մի քանիսի միջև։ Եվ եթե այս ամենը վարպետորեն հնարված լինի և հաճելի ոճով գրված և եթե հնարանքը իրականությունից շատ չշեղվի, ապա գեղեցիկ, երփներանգ թելերից նա անպայման կգործի մի հյուսվածք, որ ավարտված լինելուց հետո այնպիսի գեղեցկություն ու կատարելություն կդառնա, որ կվաստակի պսակ մտավոր երկերի մեջ, որոնց նպատակն է, ինչպես արդեն ասացի, ուսուցանել և հաճույք պատճառել։ Վեպի ազատ ձևը հեղինակին հնարավորություն է տալիս լինել դյուցազներգու, քնարերգակ, ողբերգակ և կատակերգու՝ միացնելով բոլոր տարրերը, որ պարփակված են բանաստեղծության և ճարտասանության հաճելի և քաղցր գիտության մեջ, որովհետև դյուցազներգությունը կարող է գրվել և՛ արձակ, և՛ ոտանավորով։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLVIII== | ||
+ | |||
+ | Եկեղեցականը շարունակում է դատողություն անել ասպետական գրքերի և իր նրբամտության արժանի այլ նյութերի մասին | ||
+ | |||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածության բոլոր ասածները, տեր եկեղեցական, արդարացի են, ― ասաց քահանան, ― առավել ևս արժանի են նախատինքի նման գրքերի արդի հեղինակները, որոնք հոգ չեն տանում լավ շարահյուսության, արվեստի և կանոնների մասին, որոնց հետևելով նրանք կարող էին արձակի մեջ հռչակվել այնպես, ինչպես պոեզիայի երկու իշխանները՝ հույն և հռովմայեցի։<ref>Ըստ երևույթին նկատի են առնվում Հոմերոսն ու Վերգիլիոսը։</ref> | ||
+ | |||
+ | ― Ես ինքս մի ասպետական գիրք հորինելու փորձ եմ արել, ― շարունակեց եկեղեցականը, ― հետևելով վերոհիշյալ կանոններին և, ճիշտն ասած, գրեցի ավելի քան հարյուր էջ, ապա, համոզվելու համար, թե գիրքն, իրոք, այնպես է դուրս եկել, ինչպես ինձ է թվում, ես կարդացի նման ընթերցանության սիրահարներին՝ խելացի և բարեկիրթ մարդկաց, ինչպես և ամեն անհեթեթության ականջ կախող տգետներին, և սրա՛նք էլ, նրա՛նք էլ հավանություն տվին։ Այնուամենայնիվ, ես իմ ձեռնարկը չշարունակեցի, որովհետև նախ ինձ թվաց, թե դա անվայել է իմ աստիճանին, ապա՝ տխմարները թվով գերազանցում են խելոքներին։ Եվ թեև սակավաթիվ հասկացող մարդկանց գովասանքը նախընտրելի է, քան բազմաթիվ տգետների նշավակությունը, այնուհանդերձ ես չկամեցա ենթակա լինել անհաստատ ամբոխի անմիտ կարծիքին, չէ՞ որ այդ ամբոխն է նման գրքերի գլխավոր պահանջողը։ Սակայն առանձնապես ինձ համոզեց թողնել այդ գործը և գիրքն ավարտելու միտքը ա՛յն դիտողությունը, որ ես արի հիմիկվա ներկայացրած կոմեդիաներից։ Այդ կոմեդիաները, ասում էի ինքս ինձ, որոնց առնվազն մեծամասնությունը, թե՛ պատմական նյութից, թե՛ հորինածները, անհեթեթ գրվածքներ են, այլանդակություններ, որ ո՛չ գլուխ ունեն, ո՛չ ոտներ և, այնուամենայնիվ, ամբոխը հաճույքով է նայում և հավանում, թեև բնավ հավանելու բաներ չեն։ Նրանց հորինող հեղինակներն ու ներկայացնող դերասանները պնդում են, որ այպես էլ պետք է լինեն, որովհետև հասարակությունն այդ տեսակն է պահանջում և ո՛չ ուրիշը։ Իսկ այն հեղինակները, որ տպավորություն են գործում, զարգացնելով գործողությունը համաձայն կանոնների, բավարարում են մի երեք֊չորս հասկացող հոգու, որոնք ըմբռնում են գեղեցկությունը, մինչդեռ մնացյալները հասկանալու ունայն ճիգեր են գործում, իսկ ավելի ձեռնտու է ապրուստ աշխատել բազմաթիվ մարդկանց միջոցով, քան լավ համբավ՝ աննշան քանակության մարդկանց շնորհիվ։ Նույնը պիտի լինի նաև իմ գրքի հետ՝ ես խանձելու եմ հոնքերս,<ref>Ենթադրվում է՝ գիշերները երկար նստել մոմի տակ։</ref> ձգտելով պահպանել բոլոր վերոհիշյալ կանոնները, և ընկնելու եմ այդ դերձակի դրության մեջ, որ ձրի կարում է, թելն էլ ինքը տալիս։<ref>Ակնարկվում է հետևյալ առածը․ «Մեզ մոտ անկյունում դերձակը ձրի էր կարում և դեռ իր թելերն էլ վրան էր դնում»։ </ref> Իզուր փորձեցի քանիցս համոզել կոմեդիաների հեղինակներին, որ նրանց հայացքները սխալ են, որ եթե անհեթեթություններ հորինելու փոխարեն նրանք ներկայացնեին ըստ կանոնների գրած պիեսներ, ավելի շատ հասարակություն կգրավեին և ավելի մեծ հռչակ ձեռք կբերեին, բայց նրանք այնքան համառ ու կույր են իրենց կարծիքի մեջ, որ ո՛չ փաստարկումները, ո՛չ ակներևությունն իսկ չեն կարողանում նրանց համոզել։ Հիշում եմ, ինչպես մի օր ես ասացի այդ համառներից մեկին․ «Հիշո՞ւմ եք արդյոք, մի քանի տարի առաջ Իսպանիայում բեմադրվում էին երեք ողբերգություն, որ հորինել է մեր թագավորության հռչակավոր մի պոետ, որոնք այն տեսակ էին, որ զարմացնում, հուզում և հիացնում էին բոլոր հանդիսատեսներին, նույնքան տխմարներին, որքան կիրթ մարդկանց, նույնքան ամբոխին, որքան ընտիր մարդկանց, և նրանք դերասաններին ավելի շահ էին բերում, քան նրանցից հետո բեմադրված երեսուն լավագույն պիեսները»։ «Ձերդ ողորմածությունը, ― պատասխանեց հեղինակը, որի հետ էր խոսակցությունս, անտարակույս, ակնարկում է «Իզաբելան», «Ֆիլիդան» և «Ալեքսանդրան»։<ref>«Իզաբելլա», «Ֆիլիդա» և «Ալեքսանդրա»՝ Արխենսոլայի գրվածքներն են (մահացել է 1613 թվին)։ «Պատժված քարասրտություն» պիես՝ Լոպե դե Վեգայի, «Նումանսիա»֊ն հենց իր՝ Սերվանտեսի ողբերգությունն է, «Սիրահարված վաճառականը» Ագիլարի դրաման (մահացել է 1623 թվին), «Բարեհաճ թշնամին»՝ Տարրեգիի (մահացել է 1602 թվին)։ Անհատական վշտով լցված այս ամբողջ պասսաժը հին (դասական) թատերագրական համակարգի ջատագովությունն է, համակարգ, որին հարել է ինքը Սերվանտեսը և որն ասպարեզից հեռացել է Լոպե դե Վեգայի շատ ավելի հանրամատչելի դարձած դրամատուրգիան։ Ընդսմին՝ հետաքրքրական է, թե Սերվանտեսը հենց Լոպե դե Վեգայի մի դրաման ինչպիսի անաչառությամբ ու խոհեմությամբ է մտցնում իր տեսակետով «օրինակելի» համարվող պիեսների շարքը։<br>Այստեղ և շարունակության մեջ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «կոմեդիա» բառը Իսպանիայում ցույց էր տալիս դրամատիկական ստեղծագործության բոլոր տեսակները (այսինքն և՛ դրաման, և՛ տրագեդիան)։</ref> «Այո, ― պատասխանեցի ես, ― խոսքս նրանց մասին է։ Նկատի առեք, որ արվեստի բոլոր կանոնները նրանց մեջ խստիվ պահպանված են և չնայած դրան, նրանք երևան եկան այնպես, ինչպես կային և դուր եկան բոլոր հանդիսականներին։ Հետևաբար, մեղավորը հասարակությունը չէ, որ իբր թե անհեթեթ հանդեսներ է պահանջում, այլ նրանք, ովքեր այլ բան ցույց տալ նրան չեն կարողանում։ Դուք անհեթություններ չեք գտնի «Պատժված անշնորհակալության» մեջ, «Նումանսիայի» մեջ, «Սիրահարված վաճառականի» մեջ, «Բարեհաճ թշնամուհու» մեջ և մի քանի այլ պիեսներում, որ գրել են լուսամիտ պոետները, որ նրանց հռչակ են բերել, իսկ դերասաններին մեծ եկամուտ»։ Ես ուրիշ շատ փաստարկումներ ավելացրի սրան, որ նրան հանեմ մոլորությունից, սակայն տեսա, որ նա շփոթվել է, բայց չի համոզվել։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունը, տեր եկեղեցական, ― ասաց քահանան, ― շոշափում է մի խնդիր, որ իմ մեջ վերստին առաջ է բերում հին թշնամանքը դեպի հիմիկվա կոմեդիաները, որ ավելի նվազ չէ, քան դեպի ասպետական գրքերը տածածս զգացմունքը։ Տուլիոսի ասելով՝<ref>Տուլիոսի ― այսինքն՝ Մարկոս Տուլիոս Ցիցերոնին։</ref> պիեսը պետք է մարդկային կյանքի հայելին լինի, բարքերի օրինակ և ճշմարտության պատկեր, իսկ այժմ բեմադրվող կոմեդիաները անհեթեթության հայելի են, հիմարության օրինակ և վավաշոտության պատկեր։ Եվ, իրավ, կարո՞ղ է ավելի մեծ անհեթեթություն լինել, քան այն, երբ առաջին արարի առաջին տեսարանում մեզ խանձարուրների մեջ փաթաթված երեխա են ցույց տալիս, իսկ երկրորդում դուրս են բերում արդեն հասակ առած, միրուքավոր տղամարդ։ Անհեթեթություն չէ՞ արդյոք ծերունուն արի դուրս բերելը, երիտասարդին՝ երկչոտ, սպասավորին՝ հռետոր, մանկլավիկին՝ խորհրդատու, թագավորին՝ մշակ, իսկ արքայադստերը՝ աղախին։ Ի՞նչ կասեք ժամանակի մասին, որի ընթացքում կարող են կատարվել գործողությունները։<ref>Նկատի է առնվում «ժամանակի միության» կլասիկ կանոնը, որի համաձայն պիեսում նկարագրվող դեպքերը պետք է կատարվեն ոչ ավելի, քան մի օրվա ընթացքում։</ref> Ես տեսել եմ մի պիես, որ առաջին արարը կատարվում է Եվրոպայում, երկրորդը՝ Ասիայում, իսկ երրորդը՝ Աֆրիկայում։ Իսկ եթե պիեսը չորս արար ունենար, ապա չորրորդը ապահովաբար կկատարվեր Ամերիկայում և այդպիսով գործողությունը կծավալվեր աշխարհիս չորս մասերում։<ref>Ավստրալիան այն ժամանակներում դեռևս չէր հայտնագործվել։</ref> Եթե ընդունելու լինենք, որ թատերական գրվածքի հիմքը նմանողությունն է, ապա ի՞նչ բավարարություն կարող է ստանալ անգամ միջակ հանդիսատեսը, տեսնելով, որ պիեսի գործողությունը կատարվում է Պիպին և Մեծն Կառլոս թագավորների օրոք, իսկ գլխավոր հերոսը Հերակլիտ կայսրն է, որին հեղինակը խաչակիր է դարձնում և ստիպում մտնել Երուսաղեմ ու նվաճել Քրիստոսի գերեզմանը։ Գոտֆրիդ Բուլոնացու պես, մինչդեռ այդ անձնավորությունները բաժանված են իրարից ժամանակի ահագին տարածությամբ։ Իսկ եթե թատերական երկը հերյուրանքի վրա է հիմնված, ապա անմտություն չէ՞ միթե նրանց մեջ պատմական փաստեր մտցնելը և մի կույտի մեջ գցել զանազան ժամանակ և տարբեր մարդկանց պատահած դեպքերը, այն էլ արհամարհելով ճշմարտանմանությունը և ակնբախ, ոչ մի բանով չարդարացվող սխալներով։ Ամենից վատն այս է, որ դեռևս գտնվում են տխմարներ, որոնք պնդում են, թե կատարելությունն էլ հենց այդ է, իսկ մնացածը պարապ որոնում է։ Անցնենք հոգևոր ներկայացումներին։ Ինչքա՜ն անհնար հրաշքներ, պարականոն և թյուր ըմբռնած անցքեր կան նրանց մեջ, ի՜նչ հաճախ մեկ սուրբի կատարած հրաշքները վերագրվում են մյուսին։ Ասենք՝ աշխարհիկ պիեսներում էլ հեղինակները խիզախում են առանց որևէ հիմքի և հարգելի պատճառի հրաշքներ դուրս բերել միմիայն այն պատճառով, որ այդ հրաշքները, կամ ինչպես իրենք են անվանում՝ տեսիլները նրանց աչքում հարմարավոր են երևում, ընդունակ ապշեցնել տգետ ամբոխին և ներգրավել նրան թատրոն։ Այդ ամենը կատարվում է ի վնաս ճշմարտության, հակառակ պատմության և խայտառակում է իսպանական գրողներին, որովհետև օտարերկրացիք, որ խստիվ պահպանում են թատերագրության կանոնները, մեզ բարբարոս ու տգետ են համարում՝ տեսնելով մեր հեղինակությունների անհեթեթություններն ու ցնդաբանությունները։ Մենք վատ կարդարանային, եթե ասելու լինեինք, թե հիմնական նպատակը, որ հետապնդում են բարեկարգ պետությունները, թույլատրելով հրապարակային ներկայացումներ, հասարակությանը վայելուչ զվարճություն պատճառելն է և պարապությունից առաջացող վատ հակումներից հեռացնելը և, քանի որ թե՛ լավ, թե՛ վատ պիեսները համահավասար հասնում են այդ նպատակին, ուստի կարիք չկա նրանց վզին օրենքներ փաթաթել և հեղինակներին հարկադրել գրել, իսկ դերասաններին՝ ներկայացնել համաձայն կանոնների, որովհետև, ինչպես արդեն ասացի, ամեն մի թատերագրություն հասնում է իր նպատակին։ Ի պատասխան այդ ամենի՝ ես կասեի հետևյալը․ մենք այդ նպատակին անհամեմատ ավելի հաջող կհասնեինք՝ հորինելով ո՛չ թե վատ, այլ լավ պիեսներ, որովհետև ճարտար ու կանոնավոր կառուցած պիեսների ներկայացումից հետո հանդիսատեսը դուրս է գալիս թատրոնից զվարճացած՝ կատակներից, խրատված՝ բարոյականից, հիացած՝ անցքերից, ավելի իմաստուն՝ դատողություններից, ավելի զգույշ՝ խարդախությունից, ավելի գիտակ՝ օրինակներից, վրդավված՝ արատներից և սիրահարված՝ առաքինությանը, ― որովհետև լավ թատերգությունը պետք է ներշնչի բոլոր այս զգացմունքները անգամ ամենակոպիտ ու բութ հոգուն։ Եվ միանգամայն անհնարին է, որ բոլոր այս արժանիքներն իր մեջ պարփակող մի պիես չզարճացնի, չբավարարի և չուսուցանի ավելի, քան բոլոր այս հատկություններից զուրկ մի ներկայացում, ― իսկ արդի թատերագրությունների մեծ մասը հենց այդ տեսակ է։ Մեղավորը նման պիեսներ հորինող հեղինակները չեն, ― նրանցից շատերը շատ լավ ըմբռնում են իրենց մոլորությունը և շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք գրել։ Ցավն այն է, որ մեր օրերում, թատերագրությունները պարզապես ապրանք են դառել և հեղինակներն ասում են (և արդարացի են ասում), եթե ըստ ընդունված ձևի գրած չլինեն՝ դերասանները չեն գնի։ Ուստի նրանք աշխատում են հարմարվել դերասանների պահանջներին, որոնք վճարում են նրանց հեղինակությունների համար։ Այս ճշմարտությունը կարելի է հաստատել մեր պետության մեծագույն հեղինակների գրած բազում, ավելի ճիշտ՝ բազմաթիվ թատերագրություններով։ Ինչքա՜ն փայլ, նրբություն, երևելի ոտանավորներ, իմաստուն դատողություններ և խորիմաստ ասություններ կան նրանց մեջ։ Մի խոսքով՝ նրանց լեզուն ու ոճն այնքան վեհ են, որ այդ թատերագրությունները հռչակվել են բովանդակ աշխարհում, և, այնուհանդերձ, նրանցից քչերն են լոկ և ոչ թե բոլորը կատարելության գագաթին հասնում, նրա համար, որ նրանց հեղինակը հակամետ է հարմարվելու դերասանների ճաշակին։<ref>Ակնարկվում է Լոպե դե Վեգան։</ref> Կան հեղինակներ, որոնք այնքան անփույթ են պիեսներ գրում, որ ներկայացումից հետո դերասանները, հալածանքից երկյուղ կրելով, հարկադրված են լինում փախչել, որովհետև քանիցս նրանք թագավորի կամ որևէ ազնվական տոհմի արժանապատվության համար վիրավորական պիեսներ ներկայացնելուց հետո ենթարկվել են հալածանքի։ Չարաշահությունները, որոնց մասին ասացի և շատ ուրիշները, որոնց մասին լռություն են պահպանում, կընդատվեին, եթե մայրաքաղաքում գտնվեր որևէ լուսամիտ և խելացի անձնավորություն, որը, մինչև հրապարակային ներկայացումը, աչքի անցկացներ բոլոր թատերագրությունները, այն էլ այնպես, որ քննության ենթարկվեին ոչ թե մայրաքաղաքում բեմադրվելիք, այլ ընդհանրապես բովանադակ Իսպանիայում ներկայացվելիք պիեսները, որպեսզի առանց այդ անձնավորության հավանության, կնիքի և ստորագրության տեղական իշխանությունները ոչ մի վայրում որևէ ներկայացում թույլ չտային։ Եթե գործն այսպես դրված լիներ, դերասանները, պարտավոր կլինեին ուղարկել մայրաքաղաք պիեսները և ապա աներկյուղ ներկայացնել, իսկ հեղինակները ավելի խնամքով կվերաբերվեին իրենց գործին՝ երկյուղ կրելով գիտակ անձնավորության խիստ դատաստանից։ Այսպիսով մեզանում երևան կգային լավ թատերական գրվածքներ, որ լիովին կծառայեին իրենց նպատակին՝ զվարճացնել ժողովրդին և պահպանել իսպանական գրողների հռչակը։ Միաժամանակ դերասանների եկամուտն ապահովված կլիներ, նրանք վտանգի չէին ենթարկվի, և իշխանոթյունը հարկ չէր ունենա որևէ մեկին հալածելու։ Եվ եթե այդ իսկ անձնավորության կամ որևէ ուրիշին հանձնված լինի մեր օրերում լույս տեսնող ասպետական գրքերի քննությունը, անտարակույս, երևան կգային վեպեր, որ կհասնեին ձերդ ողորմածության ակնարկած կատարելության։ Նրանք կհարստացնեին մեր լեզուն ճարտասանության թանկագին ու հաճելի գանձերով, իրենց փայլով կնսեմացնեին հին վեպերը և ազնիվ հանգիստ կբերեին ոչ միայն պարապ մտքերի համար, այլև ամենազբաղվածներին, որովհետև նետի լարը չի կարող շարունակ լարված մնալ, մարդկային բնությունն էլ ի՛ր թուլության պատճառով ունի կարիք վայելուչ զվարճության։ | ||
+ | |||
+ | Այստեղ եկեղեցականի և քահանայի խոսակցությունն ընդհատվեց դալլաքի երևան գալու պատճառով, որ հասնելով նրանց, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր լիցենցիատ, ահա՛ այն տեղը, որի մասին ես ասում էի։ Լավ կլինի, որ մենք այստեղ հանգիստ առնենք, իսկ մեր եզները առատ ու թարմ արոտ կգտնեն այստեղ։ | ||
+ | |||
+ | ― Ես միանգամայն համաձայն եմ, ― պատասխանեց քահանան։ | ||
+ | |||
+ | Նա տեղեկացրեց եկեղեցականին, որը հայտարարեց, թե ինքն էլ հաճույքով կհանգստանա նրանց հետ, որովհետև այստեղից բացվող հովիտը շատ գեղեցիկ է տարածվել։ Եվ ահա, այդ հովիտը վայելելու և քահանայի հետ, դեպի որը նրա համակրանք էր զգում, զրուցելու, այլև դոն Կիխոտի սխրագործություններին ամեն մանրամասնություններով տեղեկանալու համար նա հրամայեց իր ծառաներից մի քանիսին գնալ պանդոկ, որ մոտիկ էր գտնվում և այնտեղից ամբողջ հասարակության համար ուտելու բան բերել, որովհետև վճռել էր այս հովտում հանգիստ առնել։ Ծառաներից մեկը պատասխանեց եկեղեցականին, թե պաշարի ետևից գնացած ջորին շուտով պիտի գա, և նրա բերածը բոլորին հերիք կտա և պանդոկում կարիք կլինի միմիայն անասունների համար վարսակ գնել։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ― ասաց եկեղեցականը, ― տարեք այնտեղ մեր բոլոր գրաստները և շուտով ետ բերեք ջորին։ | ||
+ | |||
+ | Այս ամենը տեղի ունենալու միջոցին Սանչոն, օգտվելով իր տիրոջ հետ առանձին խոսելու հնարավորությունից, առանց քահանայի և դալլաքի մշտական ներկայության, որոնք կասկածանքով էին վերաբերվում նրան, մոտեցավ վանդակին, որի մեջ նստած էր դոն Կիխոտը և ասաց․ | ||
+ | |||
+ | ― Տեր, խիղճս հանգստացնելու համար ես պետք է ասեմ, թե ձեր կախարդված լինելու շուրջը ինչեր են կատարվում։ Այս երկու դիմակ կրողները, տեսնո՞ւմ եք, մեր գյուղի քահանան ու դալլաքն են և ես համոզված եմ, որ նրանք ձեզ այսպես բանտարկված են պահում խանդից, որ դուք գերազանցում եք նրանց ձեր նշանավոր սխրագործություններով։ Իսկ եթե այդպես է, ապա դուրս է գալիս, որ դուք ոչ թե կախարդված եք, այլ ձեզ խաբել են ու ձեռ են առել։ Իբրև ապացույց, թույլ տվեք ձեզ մի հարց տալ և եթե դուք ինձ պատասխանեք իմ սպասածին պես, ապա դուք ակնհայտնի կեպով կհամոզվեք, որ խաբված եք և կհամաձայնեք, որ դուք այլևս կախարդված չեք, այլ խելագարված։ | ||
+ | |||
+ | ― Հարցրո՛ւ, ինչ որ կամենաս, Սանչո զավակս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ես կբավարարեմ քեզ և կպատասխանեմ բոլոր քո հարցերին։ Գալով քո ասածին, թե մեզ հետ եկող այն երկու հոգին իբր թե մեր համագյուղացիներն են ու հին ծանոթներն են՝ քահանան ու դալլաքը, հնարավոր է, որ քեզ այդպես է թվում։ Սակայն դու ոչ մի դեպքում չպիտի կարծես, որ դա, իրոք, այդպես էլ կա։ Ընդհակառակը՝ դու պետք է հավատաս ու հասկանաս, որ եթե նրանք քեզ այդպես են ներկայանում, ապա դա նրանից է, որ ինձ կախարդող կախարդները նրանց պատկերն ու կերպարանքն են ընդունել, որովհետև կախարդները շատ հեշտ ինչ կերպարանք ասես կարող են ընդունել։ Նրանք մեր բարեկամների կերպարանքը հենց նրա համար են ընդունել, որպեսզի քեզ դրդեն կարծելու այն, ինչ որ դու կարծում ես և տանեն քեզ մոլորությունների լաբիրինթոսը, որից քեզ չի հաջողվի դուրս գալ, եթե անգամ դու՝ Թերսևսի թելն ունենալու լինեիր, համ էլ նրա համար, որպեսզի մտքերս շփոթվեն, և ես չկարողանամ գլխի ընկնել, թե այս դժբախտությունը որտեղից հասավ ինձ։ Եթե մեկ կողմից դու ասում ես, թե ինձ ուղեկցում են մեր գյուղացի քահանան ու դալլաքը, իսկ մյուս կողմից ես տեսնում եմ, որ ինձ վանդակի մեջ են գցել և գիտեմ, որ ինձ կարող էին այդպես գերել լոկ գերբնական ուժերը և ոչ թե մարդկային, ապա դու ի՞նչ կկամենայիր, որ ես հետևցրած լինեմ դրանից, եթե ոչ այն, որ ինձ կախարդելու եղանակը գերազանցում է այն ամենը, ինչ որ ինձ պատահել է կարդալ վեպերում կախարդված թափառական ասպետների մասին։ Ուստի դու կարող ես հանդարտվել և սյլևս դրա մասին չմտածել՝ նրանք նույնպիսի քահանա ու դալլաք են, ինչպիսի տաճիկ եմ ե՛ս։ Իսկ հիմա հարցրու ինձնից, ինչ որ կամենաս և ես կպատասխանեմ քեզ, անգամ եթե դու մինչև վաղը ինձ հարցեր տալու լինիր։ | ||
+ | |||
+ | ― Սուրբ կույս Աստվածածին, դու ինձ օգնական, ― բարձրաձայն բացականչեց Սանչոն։ ― Հնարավո՞ր է, որ ձերդ ողորմածությունը այնքան հաստագլուխ ու խելքից պակաս լինի, որ չտեսնի, թե ես զուտ ճշմարտություն եմ ասում և որ ձեր գերությունն ու դժբախտությունը հետևանք է նենգության և ոչ թե կախարդանքի։ Շատ բարի, ես ակնբախ կերպով կապացուցեմ, որ դուք կախարդված չեք։ Աբա, ասացեք՝ թող Աստված օգնի ձեզ ազատվել այս աղետից և հանկարծակի տիրուհի Դուլսինեայի գիրկն ընկնել․․․ | ||
+ | |||
+ | ― Վերջ տուր կապկի խոսքեր ասելուդ, ― ասաց դոն Կիխոտը, ― և հարցրու վերջապես, ինչ որ ուզում էիր, ես քեզ ասացի, որ ամենայն ճշմարտասիրությամբ կպատասխանեմ։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդ էլ ինձ պետք էր, ― պատասխանեց Սանչոն, ― և ցանկալի է, որ դուք ամենայն անկեղծությամբ, առանց մի բան ավելացնելու և պակասեցնելու, ինչպես վայել ու պարտադիր է ամենքին, ովքեր ձերդ ողորմածության նման նվիրվել են ռազմական գործին և թափառական ասպետի կոչումն են կրում։ | ||
+ | |||
+ | ― Ասում եմ քեզ՝ ոչ մի սուտ խոսք չեմ ասի, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Դե հարցրու վերջապես։ Դու իմ զահլան տարար, Սանչո, քո առաջաբաններով, ծածկամտությամբ ու առակախոսությամբ։ | ||
+ | |||
+ | ― Իսկ ես կասեմ, որ վստահ եմ տիրոջ ազնվության ու ճշմարտասիրության մեջ, ուստի, քանի որ տեղը եկավ, ես կհարցնեմ՝ ձերդ ողորմածության վանդակի մեջ ընկնելուց հետո, կամ, ինչպես ինքներդ եք կարծում, այդ վանդակում կախարդվելուց հետո ձեր մեջ ցանկություն կամ պահանջ չի ծագել, ինչպես ասում են, դուրս գնալ փոքր կամ մեծ կարիքով։ | ||
+ | |||
+ | ― Չեմ հասկանում, Սանչո, ինչ կարիքի մասին է խոսքդ։ Եթե ուզում ես, որ շիտակ պատասխան տամ, պարզիր, թե ինչ է ուզածդ։ | ||
+ | |||
+ | ― Մի՞թե ձերդ ողորմածությունը չի հասկանում մեծ կամ փոքր կարիքով դուրս գնալը։ Դպրոցում, ծծկեր մանուկներին անգամ սովորեցնում են դրան։ Ասելս այն է, թե ցանկություն չե՞ք ունեցել անել այն, ինչ որ անխուսափելի է։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, այո՛, հասկացա քեզ, Սանչո։ Շա՜տ։ Հիմա էլ հենց ուզում եմ։ Ազատի՛ր ինձ․ խնդրեմ, թե չէ տեղս արդեն աղտոտել է։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLIX== | ||
+ | |||
+ | Որ պարունակում է խելացի խոսակցություն Սանչո Պանսայի և նրա տիրոջ՝ դոն Կիխոտի միջև | ||
+ | |||
+ | |||
+ | ― Ըհը՛, ― ասաց Սանչոն, ― հո բռնեցի՜։ Հենց այդ էլ, արևս վկա, ուզում էի ես իմանալ։ Կարո՞ղ եք, սինյոր, հիմա ժխտել, որ սովորաբար, երբ մեկն ու մեկը տկար է, ասում են․ «Չգիտեմ, թե ֆլանին ինչ է պատահել ― ո՛չ ուտում է, ո՛չ խմում, ո՛չ քնում, ոչ էլ հարցերին հանգիստ պատասխանում, երևի՝ կախարդված է»։ Հետևաբար կախարդվածը նա՛ է, ով որ չի ուտում, չի խմում, չի քնում, չի բավարարում իր բնական պահանջը, որի մասին ես արդեն ակնարկեցի, և ո՛չ թե նա, ով որ ձերդ ողորմածության պես բնական պահանջն զգում է, խմում է, երբ որ տալիս են, ուտում է, երբ որ առաջարկում են և պատասխանում իրեն տված բոլոր հարցերին։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ ես ասում, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն ես քեզ արդեն ասացի, որ կախարդության բազմաթիվ եղանակներ կան, և շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այդ եղանակները փոխվել են, և հիմա կախարդվածներն անում են այն, ինչ որ ես եմ անում և ինչ որ առաջ չէին անում, իսկ ընդունված սովորության դեմ ո՛չ կարելի է առարկել, ո՛չ էլ զանազան փաստարկումներ բերել։ Ես գիտեմ, և հավատացած եմ, որ ինձ կախարդել են, ուստի իմ խիղճը հանգիստ է։ Խիղճս հանգիստ չէր լինի, եթե ես կարծեի, թե կախարդված չեմ և որ նստած եմ մնում այս վանդակի մեջ, որպես պարապ ու փոքրոգի մարդ, զրկելով խեղճ ու տկարներին իմ օգնությունից, որոնք այս իսկ ժամին իմ պաշտպանության ու օգնության ծայրաստիճան և սուր անհրաժեշտությունն են զգում։ | ||
+ | |||
+ | ― Այնուհանդերձ, ― պատասխանեց Սանչոն, ― ինձ թվում է, թե ձերդ ողորմածության ավելի բավական և գոհ լինելու համար պետք է փորձել ազատվել այդ բանտից, և ես պարտավորվում եմ իմ ողջ կարողությամբ դյուրացնել և անգամ դուրս բերել ձեզ այստեղից և փորձել նորից հեծնել քյահլան Ռոսինանտին, որ կարծես թե նույնպես կախարդված է, նայած նրա թախծոտ ու մելամաղձոտ տեսքին։ Եվ գլուխ բերենք այդ թե չէ, նորից մենք կփորձենք մեր բախտը արկածախնդրության մեջ։ Իսկ եթե գործը գլուխ գալու չլինի, ժամանակ կունենանք վերադառնալու վանդակը և, խոստանում եմ իբրև բարի և հավատարիմ զինակիր, որ ինքս էլ ձեր ողորմածության հետ կնստեմ վանդակի մեջ, եթե ձերդ ողորմածությունն այնքան դժբախտ լինի և ինքս այնքան անշնորհք, որ ասածս չկարողանանք գլուխ բերել։ | ||
+ | |||
+ | ― Սիրով կանեմ քո ասածը, եղբայդ Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― հենց որ նպաստավոր առիթ լինի քո ծրագիրն իրագործելու և ինձ ազատելու, ես քեզ կհնազանդեմ ամեն ինչում։ Սակայն, Սանչո, դու կտեսնես, թե որքան սխալ է քո դատողությունը իմ դժբախտության մասին։ | ||
+ | |||
+ | Այսպես էին զրույց անում թափառական ասպետն ու նրա դժբախտ զինակիրը, մինչև որ հասան այն տեղը, որտեղ իջել և նրանց էին սպասում քահանան, եկեղեցականն ու դալլաքը։ Սայլապանը իսկույն արձակեց եզներին և բաց թողեց, որ արածեն խաղաղ ու կանաչ դաշտում, որի զովությունը բոլորին տրամադրում էր հանգստանալու ո՛չ թե դոն Կիխոտի պես կախարդված մարդկանց, այլ նրա զինակրի պես խելահաս ու խոհեմներին, որը քահանայից խնդրեց թույլ տալ իր տիրոջը մի քիչ դուրս գալ վանդակից՝ ավելացնելով, որ եթե նա մերժելու լինի, վանդակը կարող է այնքան մաքուր չմնալ, որքան պահանջում է դոն Կիխոտի պես ասպետի արժանապատվությունը։ Քահանան իսկույն հասկացավ, թե ինչ է ուզում Սանչոն ասած լինել և պատասխանեց, որ սիրով կհամաձայներ, սակայն երկյուղ է կրում, որ դոն Կիխոտը, իրեն ազատ տեսնելով, դարձյալ իրենը կանի և կփախչի այնպես, որ այլևս հնար չի լինի նրան գտնել։ | ||
+ | |||
+ | ― Ես երաշխավորում եմ, որ չի փախչի, ― ասաց Սանչոն։ | ||
+ | |||
+ | ― Ես էլ, ― հարեց եկեղեցականը, ― մանավանդ եթե նա խոսք տա, որպես ասպետ, որ առանց մեր թույլտվության մեզնից չի հեռանա։ | ||
+ | |||
+ | ― Խոսք եմ տալիս, ― պատասխանեց դոն Կիխոտը, որ լսել էր այս խոսակցությունը, ― առավել ևս սիրով, որ կախարդվածները ազատ չեն իրենց ուզածն անելու, որովհետև կախարդը կարող է նրանց երեք դար միևնույն տեղում կանգնած պահել, իսկ եթե նրանք փախչելու փորձ անելու լինեն, նա կարող է նրանց ետ բերել թռչել տալով։ Ուստի դուք կարող եք ինձ հանգիստ կերպով բաց թողնել, և բոլորիդ շահն էլ է այդ պահանջում, իսկ բաց թողնելու չլինեք՝ ձեր հոտառությունը վիրավորված կլինի, եթե հեռու չքաշվեք։ | ||
+ | |||
+ | Եկեղեցականը բռնեց դոն Կիխոտի ձեռքը, թեև նրա ձեռները կապկպված էին և ազնիվ խոսքի վրա նրան բաց թողեց վանդակից։ Արգելանոցից դուրս գալը անսահման ու արտասովոր ուրախություն պատճառեց դոն Կիխոտին, որ նախ և առաջ մի լավ ձգվեց ողջ մարմնով, ապա գնաց Ռոսինանտի մոտ և, ձեռքը խփելով նրա կողերին, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Այնուհանդերձ հույս ունեմ, որ Աստված ու նրա օրհնյալ մայրը շուտով կկատարեն մեր փափագը, ո՜հ ծաղիկ ու հայելի բոլոր ձիերի, դու՝ տերդ մեջքիդ, ե՛ս՝ քեզ վրա, կենսագործելիս այն կոչումը, որի համար Աստված ինձ աշխարհ է հանել։ | ||
+ | |||
+ | Այս ասելուց հետո Դոն Կիխոտը Սանչոյի հետ մեկուսի տեղ քաշվեց և վերադարձավ թեթևացած, հաստատ մտադրությամբ՝ իրագործելու իր զինակրի մտահղացումը։ | ||
+ | |||
+ | Նայում էր նրան եկեղեցականը և զարմանում նրա սաստիկ խելագարության տարօրինակությունից, որովհետև երբ նրան հարց էին տալիս, նա պատասխանում էր միանգամայն խելացի կերպով, սակայն, ինչպես այլ անգամ ասացինք, կորցնում էր հավասարակշռությունը, երբ որ խոսքը ասպետականությունից էր բացվում։ Եվ ահա, երբ որ բոլորը, նստած կանաչ խոտի վրա, սպասում էին ուտեստի գալստյան, եկեղեցականը ցավակցությունից դրդված ասաց նրան․ | ||
+ | |||
+ | ― Հնարավո՞ր է, արդյոք, սինյոր հիդալգո, դատարկ և անճաշակ վեպերի ընթերցումից այնպես ներգործվել, որ մարդ խելքը կորցնի և կարծի, թե իրոք, կախարդված է, հավատ ընծայի հազար ու մի այլ անհեթեթ բաների, որ նույնքան հեռու են ճշմարտությունից, որքան սուտը։ Կարո՞ղ է արդյոք մարդկային միտքը հավատալ անհամար Ամադիսների գոյությանը և հռչակավոր ասպետների այդ բազմությանը, Տրապիզոնի այնքան թագավորների, այնքան Ֆելիսմարտե դե Հիրկանացիների, այնքան նժույգների, թափառական կույսերի, օձերի, հրեշների, հսկաների, այնքան անլուր արկածների, կախարդության այնքան տեսակների, մարտերի, կատաղի կռիվների, այնքան տարօրինակ զգեստների, սիրահարված իշխանուհիների, կոմս դառած այնքան զինակիրների, ծիծաղաշարժ թզուկների, սիրային նամակների և քնքշությունների, խիզախ կանանց, մի խոսքով՝ ամբողջ այդ ցնդաբանության, որ պարունակում են ասպետական գրքերը։ Գալով ինձ՝ խոստովանում եմ, երբ որ կարդում եմ այդ գրքերը առանց մտածելու, թե հերյուրանք է, ես որոշ հաճույք եմ զգում։ Սակայն հենց որ խորհում եմ, որ դա սուտի կույտ է, ես այդ գրքերից լավագույնը պատովն եմ տալիս, իսկ եթե մոտս կրակ լիներ, կրակը կգցեի, որովհետև այն կարծիքին եմ, թե նրանք արժանի են այդ պատժին, որովհետև սուտ են, խաբեական և հակառակ մարդկային բնության, որովհետև նոր աղանդ և կյանքի նոր եղանակ են հնարում, գայթակղում են տգետ ամբոխին, որ նրանց մեջ պարփակված բոլոր անմտությունները ճիշտ և ճշմարիտ է համարում։ Այդ գրողների աներեսությունն այն աստիճանի է հասնում, որ նրանք հանդգնում են ամենախելահաս և ազնիվ հիդալգոների միտքը խռովել, ինչպես վկայում է ձերդ ողորմածության օրինակը, ― չէ՞ որ նրանք են հասցրել ձեզ այն ծայրահեղության, որ հարկ է եղել ձեզ փակել վանդակի մեջ և տանել եզներով, ինչպես գյուղից գյուղ են տանում և փողով ցույց տալիս առյուծ կամ վագր։ Ա՜խ, սինյոր դոն Կիխոտ, խղճացեք ինքներդ ձեզ, խելքի եկեք և բարին գործադրեք այն բանականությանը, որով երկինքն առատորեն օժտել է ձեզ։ Ձեր ոգու փայլուն տաղանդը գործադրեք այն ընթերցանության համար, որ ձեր հոգին էլ փրկեք, պատիվն էլ ավելացնեք։ Եվ, եթե, այնուամենայնիվ, ձեր բնական հակումը մղի ձեզ դեպի սխրագործությունների և ասպետական գործերի ընթերցանություն, կարդացեք սուրբ գրքից Դատավորքը։ Այնտեղ դուք կգտնեք իսկական մեծ անցքեր ու գործեր, նույնքան ճշմարիտ, որքան և արի։ Լուգիտանիայում՝<ref>Լուգիտանիա ― Պորտուգալիայի հին անունն է։ Այնուհետև թվարկում է Իսպանիայի լիովին պատմական ազգային հերոսներին (միացնելով դրանք երեք հնադարյան հերոսների), որին դոն Կիխոտը ստորև գրեթե ամեն քայլափոխում հակադրում է միջնադարյան առասպելների հերոսներին։</ref> եղել է Վիրիատոն, Հռովմում՝ Կեսարը, Կարթագենում՝ Հաննիբալը, Հունաստանում՝ Ալեքսանդրը, Կաստիլիայում՝ կոմս Ֆերնան Գոնսալեսը, Վալենսիայում՝ Սիդը, Անդալուզիայում՝ Գոնսալո Ֆերնանդեսը, Էստրեմադուրայում՝ Դիեգո Գարսիա դե Պադերեսը, Խերեսում՝ Գարսի Պերես դե Վարդասը, Տոլեդոյում՝ Գարսիլասոն, Սևիլյայում՝ դոն Մանուել դե Լեոնը, որոնց արի գործերի ընթերցումը կարող է գրավել, ուսուցանել, հիացնել ու զարմացնել ամենաբարձր կրթության տեր ընթերցողներին։ Ահա թե ինչ ընթերցանում է վայել ձերդ ողորմածության սուր մտքին, սինյոր դոն Կիխոտ, որ ձեզ դարձնի պատմագետ, ստիպի սիրել առաքինությունը, շատ լավ բաներ սովորեցնի։ Այդ ընթերցումը կուղղի ձեր բարքերը, թույլ կտա, որ դուք լինեք արի՝ առանց հանդգնության և վճռական՝ փոքրոգության, և այդ ամենը ի փառս Աստծո, հոգուտ ձեզ, իսկ Լամանչին, որտեղից, ինչպես ես լսել եմ, սերում եք դուք, ― զարդ։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը լսում էր ուշի֊ուշով եկեղեցականի դատողությունները, և երբ որ տեսավ, որ նա ավարտեց, պահ մի նայեց նրան լռելյայն, ապա թե պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Ինձ թվում է, սինյոր հիդալգո, թե ձերդ ողորմածության խոսքերի միտքն այն էր, որ ինձ համոզեն, թե թափառական ասպետներ երբեք գոյություն չեն ունեցել։ Թե բոլոր ասպետական գրքերը սուտ են, խաբեություն, վտանգավոր, անօգուտ՝ պետության համար։ Թե ես վատ եմ արել, որ կադացել եմ դրանք, ավելի վատ, որ հավատացել եմ դրանց և առավել ևս վատ, որ ընդօրինակել եմ, քանի որ նվիրվել եմ թափառական ասպետների դժվարին կոչմանը, որ այդ գրքերն ուսուցանում են։ Վերջապես, դուք ժխտում եք Ամադիս Գաղղիացու և Ամադիս Հունաստանցու գոյությունը և բոլոր այլ ասպետներինը, որոնց սխրագործություններով լի են այդ գրքերը։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունը միանգամայն ճիշտ է վերարտադրում իմ միտքը, ― հաստատեց եկեղեցականը։ | ||
+ | |||
+ | ― Ձերդ ողորմածությունը դրան ավելացրեց, որ այդ գրքերը ինձ մեծ վնաս են տվել, անգամ խելքից հանել և այս վանդակին հասցրել։ Որ ես ավելի լավ արած կլինեի, եթե ուղղվեի և փոխեի ընթերցանությանս նյութը և ասպետական վեպերի փոխարեն կարդայի ավելի ճշմարտապատում գրքեր, որ միաժամանակ և՛ հաճելի են, և՛ ուսանելի։ | ||
+ | |||
+ | ― Հենց այդպես, ― ասաց եկեղեցանակնը։ | ||
+ | |||
+ | ― Որ այդպես է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― անխելքն ու կախարդվածը ձերդ ողորմածությունն է, որ հանդգնեց պարսավել այն, ինչ որ արար աշխարհս ընդունում ու ճանաչում է ճշմարիտ։ Ձերդ ողորմածության պես ժխտողը արժանի է նույն պատժին, որին ձերդ ողորմածությունն իր ասելով կկամենար ենթարկել գրքերը, որոնց ընթերցումը իր ճաշակովը չէ։ Դուք կամենում եք ինձ հավատացնել, որ աշխարիս երեսին ո՛չ Ամադիս է եղել, ո՛չ էլ ուրիշ ասպետներ՝ արկածախնդիրներ, որոցով լեփ֊լեցուն են պատմությունները։ Դա նույնն է, եթե կամենայիք համոզել, թե արևը չի լուսավորում, թե սառույցը սառը չէ և որ երկիրը հաստատ չէ։ Ո՞վ կարող է աշխարհիս երեսին համոզել մեզ, թե թագաժառանգուհի Ֆլորիպեսի և Գյուի Բարզոնացու պատմությունը եղելություն չէ կամ թե մեծն Կառլոսի օրոք տեղի ունեցած Ֆիերաբրասի սխրագործությունը Մանտիբլի կամուրջի վրա սուտ է։ Դրանք նույնքան ճիշտ են, որքան այն, որ հիմա ցերեկ է։ Եվ եթե դրանք սուտ բաներ են, կնշանակի՝ ո՛չ Հեկտոր է եղել, ո՛չ Աքիլլես, ո՛չ Տրովադայի պատերազմը, ոչ Ֆրանսիայի տասներկու պերերը, ո՛չ Անգլիայի Արթուր թագավորը, որ հիմա ագռավ է կերպանարափոխված, մինչդեռ մինչև օրս իր թագավորության մեջ նրան սպասում են։ Ասել է թե՝ Գուարինի Մեսկինոյի պատմությունն էլ, սուրբ Գրաալի որոնումներն էլ սուտ բաներ են։ Որ դոն Տրիստանի և Իզոլդա թագուհու սերը հնարած բան է, ինչպես և Ջինևրայի և Լանսելոտինը, մինչդեռ դեռ կան մարդիկ, որոնք գրեթե հիշում են, ասես թե իրենց աչքով տեսած լինեին օրիորդ Կինտանյոնային, որ մեծն Բրիտանիո լավագույն մատռվակուհին է եղել։ Այդ այդպես է, և ես ինքս հիշում եմ, որ գլխին երկար ապարոշ կրող որևէ օրիորդի հանդիպելուց տատս՝ հորս մայրը, ասում էր․ «Ապա տես թոռնիկս, կարծես թե օրիորդ Կիտանյոնան լինի»։ Հետևաբար, տատս կա՛մ նրան ճանաչելիս է եղել, կա՛մ, առնվազն, տեսած նրա պատկերը։ Ով կարող է հերքել Պիերրեսի և չքնաղ Մագելոնայի պատմության ստուգությունը, երբ որ տակավին այսօր արքունի զինանոցում պահպանվում է ձողը, որով արի Պիերրեսը կառավարում էր փայտե ձին, որ նրան սլացնում էր օդով։ Այդ ձողը սայլի լծափայտից մի քիչ մեծ է։ Հենց նրա կողքին Բարիեկայի թամքն է դրած, իսկ Ռոնսևալում Ռոլանդի փողը կա՝ առաստաղի գերանի չափ մեծ։ Այստեղից բխում է, որ տասներկու պերերն էլ են գոյություն ունեցել, Պիերրեսն էլ, Սիդն էլ, մնացյալ նման թափառական ասպետներն էլ, որոնք հայտնի են մարդկանց նրանով, որ արկածների ետևից են ընկել։ Իսկ եթե ո՛չ, ապա ասացեք, որ ճիշտ չէ, թե Խուան դե Մերլո Լուզիտանացի արի ասպետ է եղել, որ նա Բուրգունդիա է գնացել և Ռաս քաղաքում կռվել է Էնրիկե Ռեմեստանի հետ, որ այդ եկուսին էլ նա չի հաղթել և փառք ու պատիվ ձեռք բերել։ Իսկ Բուրգոնյայի արկածները երկու արի իսպանացիների՝ Պեդրո Բարրայի և Գուտիերրե Կիխադայի (որի տոհմից, տղամարդկանց ուղիղ գծով, սերում եմ ես) ― նույնպե՞ս հերյուրանք են։ Մի՞թե նրանք չհաղթեցին կոմս դե Սեն Պոլոյի երկու որդիներին։ Դե, ժխտեցեք նաև այն,<ref>Դե, ժխտեցեք նաև այն ― նրանց ժխտողը զուրկ է բանականությունից և առողջ դատողությունից ― Երևակայական հերոսների իր թվարկումը դոն Կիխոտը վերջացնում է՝ վկայակոչելով մի քանի պատմական անձնավորությունների։ Կաստելիացի ասպետ (ծագմամբ պորտուգալացի) Խուան դե Մերլոն՝ դոն Կիխոտի իրական նախատիպերից մեկը, 1433 թվին մի ճանապարհորդություն է նախաձեռնել դեպի Ֆրանսիա՝ փայլուն սխրագործություններ կատարելու նպատակով՝ մենամարտության հրավիրելով ամենահռչակավոր ասպետներին։ Դրանց թվում նա հաղթանակորեն կռվել է այստեղ հիշվող Պյեռ դո Բոֆրեմոնի, Բարգունդիայի հերցոգի ասպետ սենյոր դե Շարնիի (այստեղից էլ դոն Կիխոտի անճշգրիտ «գնացել է Բուրգոնդիա» արտահայտությունը) և մոսեն Էնրիկե դե Ռոմեստանի հետ (մոսենը արագոնյան տիտղոս է, որ համազոր է իսպանական «դոն» կամ ֆրանսիական «մսյո» դիմումին)։ Պեդրո Բարբան և Գյուտերին Կիխադան կաստիլիացի ասպետներ են, որոնք 1435 թվին նմանօրինակ մի արշավանք են ձեռնարկել, նպատակ ունենալով կռվել օտարերկրյա ասպետների հետ՝ ի պատիվ իրենց դամաների։ Ֆերնանդո դե Գևարի մենամարտը ավստրիական ասպետ Գեորգի հետ տեղի է ունեցել Վիեննայում 1436 թվին։ 1434 թվին Օրբիգայի կամրջի մոտ Աստորգա քաղաքից երեք մղոն հեռու տեղի է ունեցել մի նշանավոր տուրնիր (զինխաղ), որը կազմակերպել է Լեոնի ասպետ Սուենո դե Կինյոնեսը։ Տուրնիրն այնուհետև գովերգվել է Խուան դե Պինեդայի կողմից «Libro del Paso Honroso»֊ի մեջ (1588), այսինքն, որ Սուերոն 9 ընկերների հետ 30 օրվա ընթացքում հաջողությամբ մրցել է ինչպես իսպանական, այնպես էլ Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից եկած 60 ասպետների հետ։ Նավարրայի ասպետ Լուիսա դե Ֆալսեսի մենամարտը կաստիլիացի Գոնսալո դե Գուսմանի հետ տեղի է ունեցել Վայլադոլիդում 1428 թվին։</ref> որ Ֆերնանդո դե Գևարան, արկածախնդրության նպատակով գնաց Գերմանիա և այնտեղ մարտնչեց մեսեր Խորգեի՝ ավստրիական հերցոգի ասպետի հետ։ Դուք կասեք, թե դրանք բոլորը հնարած բաներ են՝ Սուերո դե Կինյոնեսի զինախաղն էլ, դե Պասոյի նկարագրածը, մոսեն Լուիս դե Ֆալսեսի արշավանքն էլ կաստիլցի ասպետ դոն Գոնսալո դե Գուսմանի վրա և ընդհանրապես այլ բազմաթիվ գործերը, որ կատարել են բազմաթիվ քրիստոնյա ասպետները մեր և օտար թագավորություններում, որոնք այնքան ճշմարտապատում են և ստույգ, որ մեկ էլ կասեմ՝ նրանց ժխտողը զուրկ է բանականությունից և առողջ դատողությունից։ | ||
+ | |||
+ | Եկեղեցականը մնացել էր զարմացած՝ լսելով, թե ինչպես դոն Կիխոտը խառնում է իրար ճշմարիտն ու սուտը և տեսնելով, թե որքան տեղյակ է նա այն ամենին, ինչ որ կապ ունի և վերաբերում է իրեն սիրելի թափառական ասպետությանը և պատասխանեց այսպես․ | ||
+ | |||
+ | ― Ես չեմ կարող ժխտել, սինյոր դոն Կիխոտ, որ ձեր բերած օրինակներից մի քանիսը ստույգ են, մանավանդ իսպանացի թափառական ասպետների վերաբերմամբ ձեր ասածները։ Նմանապես ես պատրաստ եմ համաձայնել ձեզ, որ Ֆրանսիայի տասներկու պերերը գոյություն են ունեցել։ Սակայն ես չեմ կարող հավատալ, որ նրանք արած լինեն այն ամենը, ինչ որ արքեպիսկոպոս Տուրպինը վերագրում է նրանց։ Իրականում նրանք ասպետներ են եղել, որոնց ֆրանսիական թագավորներն ընտրել և կոչել են պերեր, որովհետև նրանք ծագումով արիությամբ ու քաջությամբ հավասար են եղել<ref>Ֆրանսերեն pair, իսպաներեն par նշանակում է «հավասար»։</ref> կամ առնվազն պետք է լինեին։ Դա այժմյան Սանտյագոյի կամ Կալատրավայի ուխտի պես մի բան էր, որտեղ պահանջվում է, որ նրանց պատկանող բոլոր ասպետները ազնիվ ծագում ունենան, արի և քաջ լինեն։ Եվ ինչպես հիմա մենք ասում ենք՝ Սան Խուանի միաբանության ասպետ կամ Ալկա՛նտարայի ուխտի ասպետ, այնպես էլ այն ժամանակ էին ասում տասներկու պերերի ուխտի ասպետ, նկատի չառնելով, որ այդ ռազմական ուխտի մեջ ընդգրկված բոլոր տասներկուսն էլ հավասար են իրար։ Իհարկե, Սիդի գոյությունը ոչ մի կասկած չի հարուցանում, ոչ էլ Բերնարդել Կապրիոյինը։ Բայց թե նրանք արած լինեն բոլոր այն սխրագործությունները, որոնց մասին մեզ պատմում են, դա շատ և շատ կասկածելի է։ Գալով կոմս Պիերրեսի ձողին, որը, ըստ ձեր ողորմածության խոսքերի, պահվում է թագավորական զինանոցում, Բարիեկայի թամքի կողքին, ապա, խոստովանում եմ, մեղքը իմս է՝ ես կամ տգետ եմ, կամ կույր, միայն թե թամքը նկատել եմ, իսկ ձողը աչքս չի ընկել, թեև, ձերդ ողորմածության ասելով, փոքր չափի չէ։ | ||
+ | |||
+ | ― Այնտեղ է, ո՛չ մի կասկած, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Կավելացնեմ, որ, ըստ լուրերի, կաշվե պատյանի մեջ է դրված, որ չժանգոտի։ | ||
+ | |||
+ | ― Հնարավոր է, ― պատասխանեց եկեղեցականը, ― սակայն երդվում եմ իմ հոգևոր կոչումով, չեմ հիշում, որ տեսած լինեմ։ Սակայն ենթադրենք, թե այնտեղ է․ այդ չի նշանակի, որ դրանից ես հարկադրված եմ հավատ ընծայելու բոլոր այդ Ամադիսների և այլ անհամար ասպետների պատմություններին, որոնց մասին մեզ պատմում են, ոչ էլ դուք, ձերդ ողորմածություն, որպես հարգելի, ողջամիտ և այնքան բարձր հատկություններով օժտված մի մարդ, չպետք է ճշմարտության տեղ դնեք բոլոր այդ ցնդաբանությունները, որոնցով լի են ասպետական այդ անմիտ վեպերը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ L== | ||
+ | |||
+ | Սրամիտ վեճի մասին, որ ունեցան դոն Կիխոտն ու եկեղեցականը, և ուրիշ անցքերի մասին | ||
+ | |||
+ | |||
+ | ― Շա՜տ բարի, ― վերսկսեց դոն Կիխոտը, ― գրքերը, որ թագավորների թույլտվությամբ են տպագրված և հավանությամբ այն մարդկանց, որոնց քննության ենթակա են, գրքեր, որ հավասարապես լավ ընդունելություն են գտնում մեծ ու փոքրերի կողմից, հարուստ ու աղքատների, ռամիկների և ազնվականների, կրթվածների և տգետների, վերջապես բոլոր մարդկանց կողմից, ինչ դասի ու կարողության տեր էլ լինեն, բոլորն էլ սո՞ւտ են, անգամ եթե նրանց մեջ ճշմարտության երևույթը՝ մատնանշված են՝ հայրը, մայրը, ազգականները, ծննդավայրը, և հերոսի տարիքը, օր֊օրի ետևից, կետ առ կետ, պատմված են որևէ մեկ կամ մի քանի հերոսների սխրագործությունները և նկարագրված տեղերը, որտեղ այս ամենը տեղի է ունեցել։ Լռեցեք, ձերդ ողորմածություն, սրբապղծությամբ մի՛ զբաղվեք և հավատ ընծայեք իմ խորհուրդին, որին պիտի հետևի յուրաքանչյուր խելացի մարդ, վերստին կարդացեք այդ գրքերը և դուք կտեսնեք, թե նրանք ձեզ ի՜նչ հաճույք կպատճառեն։ Խոստովանեցեք, կա՞ աշխարհիս երեսին ավելի մեծ հաճույք, քան երբ, այսպես ասած, ձեր աչքի առջև բացվում է եռման ու բլթբթլացող կուպրի մի մեծ լիճ, որի մեջ լողում ու վխտում են անհամար օձեր, իժեր, մողեսները և բազում այլ մոլեգին ու սոսկալի սողուններ, և նրա մեջտեղից հանկարծ աղիողորմ ձայն է հնչում․ «Ով էլ լինես դու, ով ասպետ, որ նայում ես այս ահարկու լճին, ― եթե կամենաս վայելել նրա սև ջրերի մեջ թաքնված գանձերը, դրսևորիր քո հզոր սրտի արիությունը և թռի՛ր սև ու հրավառ հեղուկի մեջտեղը, և դու կարժանանաս տեսնելու հուր֊հրաշքները, որ պարփակված են յոթ հավերժահարսի յոթ դղյակներում, որ այս լճի տակին են»։ Ասպետը լսեց թե չէ այս ահասաստ խոսքերը, այլևս ոչ մի բան չի խորհում։ Նա չի մտածում, թե ի՞նչ վտանգի է ենթարկվում, առանց իր ծանր զրահը հանելու համար ժամակորույս լինելու, ապավինելով Աստծուն և իր տիկնոջը, նա նետվում է եռման լճի մեջտեղը։ Նա չգիտե և չի հասկանում, թե որտեղ է և տեսնում է շուրջը ծաղկափթիթ դաշտ, որին չի կարող համեմատվել Ելիսիոնը։ Եվ թվում է նրան, թե երկինքն այստեղ ավելի թափանցիկ է, արևն ավելի պայծառ, և նրա աչքի առջև փռվում է խաղաղ մի պուրակ։ Ծառերի տերևներն այնպես են փայլում, որ նրանց կանաչն ակնապարար է, իսկ անթիվ երփներանգ, հյուսված ճղների վրա ոստոստող թռչնիկների քաղցր դայլայլիկն ու անլուր գեղգեղանքը՝ լսողության ուրախություն։ Նա գտնում է մի վտակ, որի պաղպաջուն կոհակները, որպես հեղուկացած բյուրեղ, հոսում են մանր ավազի և ճերմակ քարերի վրայով։ Քարն ու ավազը, ասես բարակ մաղած ոսկի և հստակ ադամանդներ լինեն։ Նա տեսնում է արհեստական մի շատրվան՝ կերտված գույնզգույն հասպիսից ու հղկած մարմարից։ Տեսնում մի ուրիշը, գյուղական ոճով՝ մանր խեցիներից և ոստրեների ճերմակ ու դեղին տնակներից շարված։ Միջամեջ, անկարգ, փայլուն բյուրեղի կտորներն են դրված և կեղծ զմրուխտներ, և թվում է, որ այս բազմապիսի կերտվածքով արվեստը, ընդօրինակելով բնությունը, հաղթում է նրան։ Սակայն, ահա, հանկարծակի նրա առջև բացվում է ամրացրած մի դղյակ կամ շքեղ պալատ։ Պատերը հաստ ոսկուց են, տանիքները՝ ալմաստից, դարպասը՝ հակինթից։ Եվ այնքան ճարտար է կառուցված, որ արվեստն ավելի թանկարժեք է, քան ալմաստը, յաղութն ու մարգարիտը, որոնցից նա կերտված է։ Այս ամենը տեսնելուց հետո էլ ի՞նչ կամենաս տեսնել, բայց եթե ոչ դղյակից դուրս եկող աղջիկների երկար շարան՝ այնքան նրբագեղ ու շքեղ զուգված, որ եթե ես հիմա նրանց նկարագրելու լինեի, ինչպես անում են վեպերում, խոսքս երբեք չէի ավարտի։ Եվ ահա այդ աղջիկների տիրուհին բռնում է եռման ջրի մեջ խիզախ թռած ասպետի ձեռքից, անխոս տանում է նրան փարթամ դղյակը կամ պալատը և, հրամայելով, որ նա շորերը հանի և մնա մորեմերկ, լվանում է նրան գաղջ ջրով, անուշահոտ յուղերով օծում, նրբագույն հյուսվածքից անուշաբույր շապիկ հագցնում։ Իսկ այդ միջոցին մոտենում է մի ուրիշ աղջիկ, գցում է նրա ուսերին մի վերնարկ, որ ամենաքիչը ամբողջ մի քաղաք արժե, գուցե և ավելի։ Վերջապես նրան տանում են մի այլ դահլիճ, որտեղ զարմանալի ճոխ սեղան է գցած։ Նրա ձեռքերին ամբրայի և անուշահոտ ծաղիկների բույր ունեցող ջուր են ածում։ Նրան նստեցնում են փղոսկրյա գահի վրա, նրան սպասարկում են բոլոր աղջիկները՝ պահպանելով զարմանալի լռություն։ Նրա համար այնպիսի բազմազան կերակուրներ են բերում և այնքան համով պատրաստած, որ նա չգիտե, թե ձեռքը որին մեկնի։ Նրա ուտելու միջոցին երկնային երաժշտությունն է հիացնում նրա զգացմունքը։ Նա չի իմանում, թե որտեղ են երգում ու նվագում։ Ճաշն ավարտված է, սեղանը հավաքած, ասպետը հանգստանում է՝ ընկողմանած բազկաթոռի վրա և, թերևս, մաքրում է, ըստ սովորականին, ատամները, և ահա հանկարծ դռնից դահլիճ է մտնում մի այլ աղջիկ, մնացածներից ավելի գեղեցիկ, նստում է նրա կողքին և սկսում պատմել, թե ինչ դղյակ է սա, ինչու է ինքը կախարդված մնացել նրա մեջ և շատ ուրիշ բաներ, այնպես որ ասպետը մնում է զարմացած, իսկ այդ պատմության ընթերցողը՝ հիացած։ Ես չեմ կամենում խոսքս երկարացնել, որովհետև ասածներիցս արդեն դժվար չէ հետևցնել, որ թափառական ասպետների մասին գրած վեպերից յուրաքանչյուրը և յուրաքանչյուր կտոր նրանցից պետք է զարմացնի և հիացնի յուրաքանչյուր ընթերցողի։ Այսպիսով, հավատացեք ինձ, ձերդ ողորմածություն, և, ինչպես ես արդեն ասացի, վերստին կարդացեք այդ գրքերը՝ եթե դուք մելամաղձոտ լինեք՝ կցրվեք, եթե վատ տրամադրության մեջ՝ կանցնի։ Գալով ինձ՝ կարող եմ ասել, որ այն օրից, ինչ թափառական ասպետ դառա, ես արի եմ, քաղաքավարի, առատաձեռն, կիրթ, վեհանձն, սիրալիր, խիզախ, տոկուն։ Ես կարող եմ կրել և՛ արհավիրք, և՛ գերություն, և՛ կախարդանք։ Եվ թեպետ ինձ վերջերս վանդակի մեջ են գցել, իբրև խելագարի, այնուհանդերձ, ես հույս ունեմ, որ իմ հզոր բազկի օգնությամբ ամենակարճ ժամանակի ընթացքում, եթե միայն երկինքը բարեհաճ լինի և բախտը նպաստավորի, ես որևէ երկրի թագավոր կդառնամ և այն ժամանակ կկարողանամ ցույց տալ, թե կրծքումս որքա՜ն կարեկցություն ու առատաձեռնություն է թաքնված, որովհետև, հավատացեք իմ պատվին, սինյոր, մարդը, անգամ եթե նա այդ հատկության տեր լինի գերագույն աստիճանի, իսկ կարեկցությունը, որ բարի ցանկությունից դենը չի անցնում, մեռած է, ինչպես մեռած է հավատը առանց գործի։ Ահա թե ինչու ես կկամենայի, որ բախտը շուտով կայսր դառնալու հնարավորություն առաքեր ինձ։ Ես ցույց կտայի, թե ի՜նչ սրտի տեր եմ ես և բարեգործություն կանեի իմ բարեկամներին, մանավանդ այս խեղճին՝ իմ զինակիր Սանչո Պանսային, որին ես համարում եմ աշխարհիս լավագույն մարդը։ Ես վաղուց արդեն խոստացել եմ կոմսություն շնորհել նրան և ես շատ ուզում եմ այդ արած լինել, թեև երկյուղ եմ կրում, որ նա չկարողանա կառավարել։ | ||
+ | |||
+ | Այս վերջին խոսքերը լսեց Սանչոն և ասաց իր տիրոջը․ | ||
+ | |||
+ | ― Աշխատեցեք, ձերդ ողորմածություն սինյոր դոն Կիխոտ, նվիրել ինձ կոմսությունը, որ դուք քանիցս ինձ խոստացել եք և որ ես այնքան անհամբեր սպասում եմ, իսկ ես խոսք եմ տալիս ձեզ, որ կառավարելու ճարը կգտնեմ, իսկ եթե չգտա, լսած կամ, որ աշխարհիս երեսին կան այնպիսի մարդիկ, որ ավատատերեից վարձակալությամբ վերցնում են նրանց կալվածները և դրա համար տարեկան որոշ գումար վճարում, վարձակալները կառավարում են, իսկ ավատատերերը՝ նստում ձեռները ծալած, ծախսում եկամուտն ու աշխարհիս երեսին ոչ մի բանի համար չեն հոգում։ Ես էլ այդպես կանեմ առանց բազար անելու ես գործերից կազատվեմ, վայելելով եկամուտը, որպես դուքս։ Թո՛ղ ուրիշներն ինչ ուզում են անեն։ | ||
+ | |||
+ | ― Քո ասածը, Սանչո եղբայր, ― ասաց եկեղեցականը, ― ճիշտ է միայն եկամուտի նկատմամբ, սակայն չէ՞ որ յուրաքանչյուր ավատատեր իր կալվածներում ինքն է պարտավոր դատավարություն անելու և այստեղ ահա պետք է հմտության և խոհեմության տեր լինել, իսկ գլխավորը՝ ձգտել արդարամիտ լինելու։ Եթե սկզբից ևեթ այդ ձգտումը չեղավ, ապա մեջտեղն ու վախճանն էլ ծուռումուռ դուրս կգա, որովհետև Աստված օգնում է պարզամիտների բարի ցանկություններին ի պատասխան իմաստունների չար իղձերը։ | ||
+ | |||
+ | ― Այդ փիլիսոփայությունից ես գլուխ չեմ հանում, ― պատասխանեց Սանչոն։ ― Գիտեմ միայն, որ կոմսությունը թե ձեռքս ընկնի՝ կառավարել ես կկարողանամ։ Ես նույնքան հոգի ունեմ, որքան ուրիշը և մարմին՝ ուրիշներից էլ ավելի, այնպես որ ես իմ տիրությունը թագավորներից վատ չեմ կառավարի։ Կառավարելուց էլ՝ կանեմ ինչ որ քեֆս տա։ Քեֆիս տվածն անելով ՝ քեֆ կանեմ։ Քեֆ անելով՝ ամեն բանից գոհ կլինեմ։ Իսկ որ պակաս տեղ չունենամ ― ուրեմն պրծավ֊գնաց։ Թող շուտով տերությունը գա և Աստուծով ցտեսություն, ինչպես ասել է մի կույր մյուսին։ | ||
+ | |||
+ | ― Այդ քո փիլիսոփայությունն էլ վատ չէ, Սանչո, բայց և այնպես կոմսության մասին դեռ շատ բան կարելի է ասել։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտը առարկեց եկեղեցականին․ | ||
+ | |||
+ | ― Չգիտեմ, թե էլ ինչ կարելի է ասել այդ առիթով։ Ես առաջնորդվում եմ մեծն Ամադիս Գաղղիացու օրինակով, որն իր զինակրին կարգեց Ֆիրմե կղզու կոմս։ Այդպես էլ ես, առանց խղճի խայթի կարող եմ Սանչո Պանսային կոմս դարձնել, չէ՞ որ նա լավագույն զինակիրն է, որ երբևիցե ունեցել են թափառական ասպետները։ | ||
+ | |||
+ | Եկեղեցականը մնացել էր զարմացած, թե ինչ բանական անհեթեթություններ է ասում դոն Կիխոտը, թե ինչպե՜ս ճարտար վերարտադրեց նա լճի ասպետի արկածը, թե ի՜նչ խոր տպավորություն պիտի արած լիներ նրա վրա կարդացած գրքերի մտացածին ստությունները և վերջապես պակաս չէր զարմացել նա Սանչոյի դյուրահավատությունից՝ այնքան սաստի՛կ էր նա փափագում կոմսության հասնել, որ իր բարեկամը խոստացել էր նրան։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին վերադարձան եկեղեցականի ծառաները, որ գնացել էին պանդոկ պաշար բերող ջորու ետևից, խալիչա փռեցին կանաչ խոտի վրա, ծառերի ստվերի տակ և ողջ հասարակությունը հացի նստեց այս վայրում, որպեսզի, ինչպես արդեն ասացի, սայլապանը չփախցնի եզներն արածեցնելու հարմար առիթը։ Հաց ուտելու միջոցին հանկարծ նրանք լսեցին սաստիկ աղմուկ և զանգակի ձայն, որ գալիս էր մոտակա մացառների և խիտ թփերի ետևից, և նույն վայրկյանին թավուտից դուրս թռավ սիրուն մի այծիկ, վրան սև, ճերմակ ու շեկ բծեր։ Նրա ետևից եկավ մի այծարած, որ ձայն տալով ու ըստ իր սովորության խոսելով աշխատում էր նրան կանգնեցնել և վերադարձնել հոտը։ Խուսափուկ այծը երկչոտ ու վեհերոտ վազեց մարդկանց վրա, ասես օգնություն հայցելով և նրանց առջև կանգ առավ։ Այծարածը վրա հասավ, բռնեց նրա եղջույրներից և, ասես թե նա ունակ լիներ խոսակցելու և ըմբռնելու, ասաց նրան․ | ||
+ | |||
+ | ― Ա՜խ, վայրի, վայրի, Բծավոր, Բծավոր, ինչո՞ւ ես այս վերջին օրերս չարաճճիացել։ Ինչ գայլեր են քեզ վախեցրել, աղջիկս։ Չե՞ս ասի ինձ, թե ինչ է եղել, սիրունիկս։ Էլ ի՞նչ կարող է լինել՝ էգ ես և չես կարող հանգիստ մնալ։ Անիծվի քո խասիաթը և բոլոր նրանցը, որոնց դու ընդօրինակում ես։ Դարձիր, վերադարձիր, բարեկամուհիս։ Գոհ էլ չլինես, առնվազն ապահով ես փարախում և քո ընկերակիցների հետ։ Եթե դու, որ պետք է հսկես նրանց և առաջնորդես, այսպես, առանց առաջնորդ ու ճամփա ման գալու լինես, ի՞նչ պիտի ապա անեն նրանք։ | ||
+ | |||
+ | Բոլոր ունկնդիրները զվարճացան այծարածի խոսքերից և առավելապես եկեղեցականը, որ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ձեր արևը, եղբայր, հանգստացեք մի քիչ և մի՛ք շտապի այդքան արագ այդ այծին վերադարձնել հոտը։ Չէ՞ որ դուք ասացիք, թե նա էգ է, ուրեմն հետևելու է իր բնական բնազդին, ինչքան էլ դուք խանգարելու լինեք։ Մի կտոր բան վերցրեք, խմեցեք մի գավաթ, ձեր զայրույթը կմեղմանա, այդ միջոցին այծն էլ կհանգստանա։ | ||
+ | |||
+ | Այդ ասելն ու դանակի ծայրով նրան նապաստակի ողնաշարի մի պաղ կտոր տալը մեկ եղավ։ Այծարածը վերցրեց և շնորհակալություն հայտնեց, ապա խմեց, հանգստացավ և վերջապես ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ես չէի կամենա, որ ձերդ ողորմածությունները, լսելով այս խոսակցությունն այս այծի հետ, ինձ հիմարի տեղ դնեք, որովհետև ասածս խոսքերի մեջ, ճշմարտապես, գաղտնի իմաստ կա։ Ես թեպետ ռամիկ եմ, բայց ոչ այնքան, որ չհասկանամ, թե ինչպես պետք է վարվել մարդկանց, ինչպես՝ անասունների հետ։ | ||
+ | |||
+ | ― Շատ լավ հավատում եմ, ― պատասխանեց քահանան, որովհետև փորձով գիտեմ, որ լեռները գիտուններ են սնում, իսկ հովիվների վրանները փիլիսոփաներ պարփակում։ | ||
+ | |||
+ | ― Առնվազն, սինյոր, ― պատասխանեց այծարածը, ― նրանց մեջ փորձառու մարդիկ են ապաստանում։ Որպեսզի դուք հավատ ընծայեք և ձեռքով շոշափած լինեիք այդ ճշմարտությունը, ես կխնդրեի ձեզնից, սինյորներ, շնորհել ինձ մի կարճ միջոց ուշադրություն, եթե երկյուղ չկրեի ձանձրացնել ձեզ և անկոչ մեջ ընկնել։ Ես ձեզ կպատմեի մի ճշմարտապատում պատմություն, որ կհաստատեր իմ ասածը և այն, ինչ որ ասաց այս սինյորը (նա ցույց տվեց քահանային)։ | ||
+ | |||
+ | Դրան պատասխանեց դոն Կիխոտը․ | ||
+ | |||
+ | ― Ըստ երևույթին այդ պատմությունը պետք է ասպետական արկածի հեռավոր նմանություն ունենա, ես մեծ հաճույքով կլսեմ, եղբայր, և նույնը կանեն բոլոր այն սինյորները, որովհետև նրանք շատ խելացի են և սիրահար հետաքրքրական նորությունների, որ զարմացնում, զվարճացնում ու զվարթացնում են հոգին։ Անտարակույս, ձեր պատմությունն էլ այդպիսին է լինելու։ Դե, սկսեցեք, բարեկամս, մենք բոլորս լսում ենք ձեզ։ | ||
+ | |||
+ | ― Բացի ինձնից, ― մեջ ընկավ Սանչոն։ Ես կերթամ վտակի մոտ, հետս կտանեմ այս կարկանդակը և կուտեմ, որ երեք օր կուշտ լինեմ, որովհետև իմ տեր դոն Կիխոտը քանիցս ասել է ինձ, թե թափառական ասպետի զինակիրը առիթը եղած միջոցին պետք է ուտի, ինչքան փորը տեղավորի, որովհետև հաճախ պատահում է մտնել այնքան թավ ու դժվար անցանելի անտառ, որ վեց օրվա ընթացքում ելք չի գտնում, այնպես որ, եթե նա կուշտ չէ կամ պայուսակը լիքը չէ պաշարով, ապա կարող է ընդմիշտ մնալ այնտեղ, ինչպես շատ անգամ պատահել է, մումիա դառած։ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ ես ասում, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Գնա, ուր որ կամենաս և կեր, որքան կարողանաս։ Ես արդեն կշտացել եմ և հոգուս է սնունդ հարկավոր, որ և կընդունեմ ունկնդրելով այս բարի մարդու պատմությունը։ | ||
+ | |||
+ | ― Մենք բոլորս էլ նույնը կանենք, ― ասաց եկեղեցականը և խնդրեց այծարածից, որ շուտ սկսի խոստացածը։ | ||
+ | |||
+ | Այծարածը ձեռքը խփեց այծի մեջքին, որին նա բռնած էր եղջույրից, ասելով․ | ||
+ | |||
+ | ― Նստի՛ր կողքիս, Բծավոր, մենք հոտ վերադառնալու համար ժամանակ դեռ ունենք։ | ||
+ | |||
+ | Այծը կարծես հասկացավ նրան։ Տեսնելով, որ նա նստեց, ինքն էլ հանգիստ պառկեց նրա կողքին և սկսեց նայել նրան, ասես թե ուզում էր դրանով ասած լինել, թե ուշի֊ուշով լսելու է նրա ասելիքը։ Այծարածն իր պատմությունը սկսեց այսպես․ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ LI== | ||
+ | |||
+ | Որ հաղորդում է, թե ինչ պատմեց այծարածը նրանց, ովքեր տանում էին դոն Կիխոտին | ||
+ | |||
+ | |||
+ | Այս հովտից երեք մղոն հեռու մի գյուղ կար, որ թեև փոքրիկ, բայց ամենահարուստն էր այդ շրջանում։ Այնտեղ շատ պատվավոր մի գյուղացի կար, և թեև սովորաբար մարդկանց հարստության համար են հարգում, նրան ոչ այնքան աշխատած հարստության համար էին հարգում, որքան նրա առաքինության համար։ Իսկ իր ասելով՝ իր գանձը իր աղջիկն էր՝ արտասովոր գեղեցիկ, հազվագյուտ խելացի, նազելի և անարատ, նրան ճանաչողները բոլորն էլ հիանում էին մեծամեծ արժանիքներից, որ շնորհել էր նրան երկինքը։ Մանուկ հասակից նա արդեն իսկ գեղեցիկ էր, տարիների հետ աճում էր նրա գեղեցկությունը, այնպես որ, երբ լրացավ նրա տասնվեց տարին, նա իսկական գեղեցկուհի դարձավ։ Նրա գեղեցկության համբավը տարածվեց հարևան գյուղերում, ― ի՜նչ եմ ասում, ― հասավ մինչև հեռավոր քաղաքները, թափանցեց թագավորական պալատը, ամենատարբեր մարդկանց ականջին հասավ, ― և բոլորը գալիս էին ամեն կողմից, որ տեսնեն իբրև հազվագյուտ կամ հրաշք բան։ Հայրը նրան պահպանում էր, նա ինքն էլ էր իրեն պահպանում, որովհետև ոչ մի կողպեք, պահակ ու փականք չի կարող ավելի լավ պահպանել մի կնոջ, քան սեփական պարկեշտությունը։ | ||
+ | |||
+ | Հոր հարստությունն ու աղջկա գեղեցեկությունը համագյուղացիներից և դրսերից շատերին գրգռում էին խնամախոսության։ Սակայն հայրը, այն մարդուն նմանվելով, որ պետք է տնօրիներ այնքան թանկարժեք մի խաղալիք, շփոթմունքի մեջ էր և չգիտեր, թե անթիվ երկրպագուներից որի՞ն տա իր աղջկան։ Նրան բազմաթիվ ուզողներից մեկն էլ ես էի։ Եվ որովհետև նրա հայրը ճանաչում էր ինձ իբրև համագյուղացու, իբրև մաքուր արյան, ծաղիկ հասակում, հարուստ ժառանգի և խելոք մի տղայի՝ այդ ամենն ինձ մեծ ու հաստատ հույս էր ներշնչում։ Բայց մեր գյուղում մի ուրիշ երիտասարդ էլ կար, օժտված նույն հատկություններով, նա էլ էր խնամախոսում, և ահա հոր կամքը տատանվեց, և նա անորոշության մեջ էր, որովհետև խորհում էր՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը հավասարապես կարող է երջանկացնել նրա աղջկան։ Եվ, այդ դժվարին կացությունից դուրս գալու համար նա նա վճռեց ամեն ինչ ասել Լեանդրային (այդ էր հարուստ աղջկա անունը, որ ինձ այնպիսի թշվառական վիճակի մեջ գցեց), համարելով, որ մենք երկուսս էլ հավասար ենք, նա իր աղջկան թողեց ընտրել նրան, որը ավելի հաճելի լինի, ― իրենց զավակներին ամուսնացնել ցանկացող ծնողների համար գեղեցիկ օրինա՛կ։ Դրանով ես չեմ ուզում ասած լինել, որ ծնողները պետք է թույլ տան իրենց աղջիկներին ընտրել ստոր ու վատ մարդկանցից, այլ թող նրանք առաջարկեն մի քանի լավ փեսացուներ և թողնեն նրանց ըստ իրենց ցանկության ընտրություն անել։ Չգիտեմ, թե մեզնից որին ընտրեց Լեանդրան։ Միայն իմացա, որ հայրը, գործը ձգձգելու նպատակով հայտնեց մեզ, թե աղջիկը դեռ ջահել է և դրան ավելացրեց մի քանի ընդհանուր խոսքեր, որ մեզ համար վիրավորական չէին և նրան ոչ մի բանի չէին պարտավորեցնում։ Իմ ախոյանի անունը Անսելմո էր, իսկ իմը՝ Էուխենիո։ Արդ՝ դուք գիտեք գործող անձանց անունները այս ողբերգության, որ տակավին անավարտ է, սակայն թվում է, թե դժբախտ է լինելու։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին ժամանեց մեր գյուղը ոմն Վինսենտե դե լա Ռոկա՝ մի աղքատ գյուղացու որդի նույն շրջանից։ Նա վերադարձել էր Իտալիայից և այլ երկրներից, որտեղ ծառայել էր իբրև զինվոր։ Ինչ֊որ կապիտան իր խմբի հետ պատահմամբ անցնելիս է եղել մեր գյուղից, տարել է իր հետ տասներկու տարեկան տղային, որ հիմա, տասը տարի անց, վերադարձել էր երիտասարդ հասակում, խայտաբղետ զինվորական զգեստով, վրան կախկխած ապակյա զիզի֊պիզի բաներով և բարակ պողպատե շղթաներով։ Այսօր մեկ զարդ է կախում, վաղը՝ մյուսը, ― և բոլորն էլ նուրբ, երփներանգ, որ ավելի փայլ ունեին, քան արժեք։ Գյուղացիները, որ բնականից խորամանկ են, իսկ երբ ազատ ժամանակ են ունենում, մարմնացած խորամանկություն են դառնում, նրանք դիտել ու հաշվել էին նրա զգեստներն ու զարդերը, և դուրս էր եկել, որ նա ընդամենը երեք զգեստ ունի զանազան գույնի, յուրաքանչյուրը նման գույնի գուլպաներով ու կապիչներով, սակայն նա այնպիսի ճարտարությամբ է փոխնեփոխ հագնում, որ եթե համարված չլիներ, մարդ կերդվեր, որ ունի ոչ պակաս, քան տասը ձեռք զգեստ, մի քսան հատ էլ գլխարկի փետուր։ Միք մեղադրի ինձ, որ ձանձրալի և պարապ շաղակրատություն եմ անում․ եթե ես այսքան երկարապատում խոսում եմ նրա զգեստներից, դա նրանից է, որ նրանք մեծ դեր խաղացին իմ պատմության մեջ։ | ||
+ | |||
+ | Նա նստում էր բարձր բարդու տակ՝ քարե նստարանի վրա, հրապարակում և պատմում էր քաջագործություններից, իսկ մենք ուշի֊ուշով, բերանբաց ունկնդրում էինք։ Երկրագնդի վրա տեղ չէր մնացել, որ նա այցելած չլիներ, ճակատամարտ չէր մնացել, որ նա մասնակցած չլիներ։ Նա ավելի շատ մավր էր բնաջինջ արել, քան կա Մարոկկոյում ու Թունիսում, նա ավելի շատ մենամարտություն է ունեցել, քան Գանտե ի Լունան, Դիեգո Գարսիա դե Պարեդիսը և հազար ու մի ուրիշները, որոնց անունը նա թվում էր և բոլոր մարտերից նա դուրս էր եկել հաղթական, առանց մի կաթիլ արյուն թափելու։ Նա ցույց էր տալիս վերքերից մնացած սպիները ― և չնայած որ նրանք չէին երևում, նա այնուհանդերձ պնդում էր, որ դրանք հրացանի գնդակի հետքեր են, որ այլևայլ մարտերում ու կռիվներում դիպել էին նրան։ Վերջապես չտեսնված անպատկառությամբ նա իրեն հավասար և իրեն լավ ծանոթ մարդկանց դու էր ասում, հայտարարում էր, թե իր հայրը իր ձեռն է, ծննդաբանությունը՝ քաջագործությունները և, զինվորական համազգեստը հագին, ինքը թագավորից անգամ ոչնչով ցածր չի։ Այդ ինքնավստահությանն ավելանում էր այն, որ նա շատից֊քչից երաժիշտ էր և կիթառ էր ճնկճնկացնում, այնպես որ ոմանք ասում էին, թե նա կիթառը խոսեցնում է։ Դրանով նրա քանքարը չէր սահմանափակվում, որովհետև նա պոետ էլ էր և ամեն դատարկ բանի առիթով, որ պատահում էր մեր գյուղում, նա մեկ մղուն ու կես երկարությամբ երգ էր հորինում։ | ||
+ | |||
+ | Ահա այդ զինվորը, որին ես նկարագրեցի, այդ Վինսենտե դե լա Թոկան, այդ ղոչաղը, այդ պնճնասերը, այդ երաժիշտը, այդ պոետը հաճախակի ընկնում է Լեանդրայի աչքին, որ նայում էր նրան իր տան հրապարակի վրա ելնող լուսամուտից։ Նրա պերճ զուգսերի արտաքին փայլը հիացրեց աղջկան, նրա երգերը (որ նա ցանկացողների համար քսանական անգամ արտագրում էր) դյութեցին նրան։ Համբավը նրա քաջագործությունների, որոնց մասին նա ինքն էր պատմում, հասավ նրա ականջին ― մի խոսքով՝ ինքը սատանան, երևի, այնպես սարքեց, որ աղջիկը սիրահարվեց ավելի շուտ, քան նրա մեջ աղջկան տիրանալու խիզախ ցանկություն ծագեց։ Իսկ որովհետև սիրային գործերն ամենից արագ առաջ են ընթանում, երբ որ կինն է ցանկություն ունենում, ապա Լեանդրան ու Վինսենտեն դյուրությամբ խոսքը մեկ արին և, նախքան աղջկա բազմաթիվ երկրպագուներից մեկն ու մեկը գլխի ընկավ նրա մտադրության մասին, նա արդեն իր մտադրությունը կատար էր ածել։ Նա լքեց իր սիրելի ու պաշտելի հոր տունը (մայր չուներ նա) և փախավ գյուղից զինվորի հետ, որ այդ գործում ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան բազմաթիվ գործերում, որ ինքը վերագրում էր իրեն։ | ||
+ | |||
+ | Ամբողջ գյուղն ապշել էր այդ դեպքից, և ոչ միայն մեր գյուղացիք, այլև բոլոր նրանք, որոնց հասավ այդ լուրը։ Ես շփոթված էի, Անսելմոն՝ ապշած, հայրը՝ վշտացած, բարեկամները՝ ամոթահար։ Ոստիկանությանը ոտքի հանեցին, նրանց ետևից հրացանաձիգներ ուղարկվեցին։ Ճամփաները չափեցին, մերիներն ու անտառները խուզարկեցին, որոնեցին ամենուր։ Վերջապես, երեք օրից հետո գտան քմահաճ Լեանդրային մի լեռան անձավում՝ շորերը հանած, շապկանց, առանց փողի և թանկագին իրերի, որ վերցրել էր հետը տնից։ Երբ որ նրան վերադարձրին թշվառ հոր մոտ, հարց ու փորձ արին պատահած դժբախտության մասին, նա ինքնաբերաբար խոստովանեց, որ Վինսենտե դե լա Ռոկան նրան խաբել և հետը ամուսնանալու խոսք տվել, համոզել էր նրան թողնել հոր տունը։ Խոստացել էր նրան տանել աշխարհիս երեսին ամենահարուստ և առատ քաղաքը՝ Նեապոլ։ Լեանդրան, լինելով անփորձ, վստահեց ու խաբվեց և, կողոպտելով իր հորը, հետևեց Վինսենտին նույն գիշերը, երբ փախավ։ Իսկ Վինսենտեն նրան տարավ մի գիրթ սար և լքեց այն անձավում, որտեղ նրան գտել էին։ Նա ավելացրեց, թե զինվորը իր պատվին չի դիպել և, խլելով իր ողջ ունեցածը, լքել է նրան անձավում և ինքը գնացել։ Այդ հանգամանքը բոլորին տարօրինակ թվաց։ Դժվար էր, սինյոր, հավատ ընծայել այդ ջահելի զսպվածությանը։ Սակայն Լեանդրան այնպիսի ավյունով էր պնդում այդ հանգամանքը, որ վերջապես նրան հաջողվեց ամոքել անմխիթար հորը, որը այլևս չէր ափսոսում իր կողոպտած հարստության համար, քանի որ իր աղջկանից չէին խլել այն թանկագին բանը, որի կորուստ այլևս անկարելի է վերականգնել։ Լեանդրայի գտնված օրը հայրը նրան հեռացրեց մեր աչքերից և հարևան քաղաքում գտնվող վանքը տարավ՝ հուսալով, որ ժամանակը կմեղմացնի աղջկա վաստակած վատ համբավը։ Լեանդրայի երիտասարդությունը նրան հանցանքի արդարացում էր ծառայում առնվազն այն մարդկանց աչքում, որոնց համար էապես մեկ հաշիվ էր՝ լա՞վ կին էր նա արդյոք, թե՞ վատ։ Սակայն նրա խելքն ու բանիմացությունը ճանաչողները նրա մեղքը անփորձության չէին վերագրում այլ թեթևամտության և կանացի բնության բնական հատկություններին։ | ||
+ | |||
+ | Երբ որ Լեանդրային փակեցին վանքում, Անսելմոյի աչքերը մարեցին, որովհետև այլևս նրա աչքը ոչինչ ուրախացնող բան չմնաց։ Ես էլ էի անշող խավարում ապրում, ես էլ ոչ մի բանի վրա նայել չէի ուզում։ Մեր տխրությունն աճում էր մեր անհամբերության հետ։ Մենք անիծում էինք պարծենկոտ զինվորին և վրդովվում, որ հայրը չկարողացավ պահպանել աղջկան։ Վերջապես երկուսս էլ վճռեցինք լքել մեր գյուղը և բնակվել այս հովտում, որտեղ նա ոչխար է արածանցնում, ես՝ այծ, մեր կյանքը այս ծառերի միջև անց կացնելով, անձնատուր եղած մեր կրքին՝ երգելով Լեանդրայի գովքը կամ պարսավանքը միասին, կամ ախ քաշում զատ֊զատ՝ լոկ երկինքը հաղորդակից անելով մեր տրտունջներին։ Հետևելով մեր օրինակին՝ Լեանդրայի բազմաթիվ այլ երկրպագուներ այս լեռներն են քաշվել և նույն գործով են զբաղվում, ինչ որ մենք։ Մեր բանակն այնքան է աճել, որ այս վայրը նոր Արկադիայի տեղ կարելի է ընդունել, այնքան հովիվ ու հոտ է երևացել։ Ոչ մի տեղ այնքան հաճախ չի հնչում գեղեցիկ Լեանդրայի անունը։ Մեկն անիծում է նրան, անվանում քմահաճ, փոփոխամիտ, անպարկեշտ, մյուսը՝ թեթևսոլիկ ու թեթևամիտ, մեկը նրան արդարացնում ու ներում է, մյուսը դատապարտում ու պարսավում, մեկը գովաբանում է նրա գեղեցկությունը, մյուսը անիծում նրա բնավորությունը, վերջապես՝ բոլորը նրան անպատվում և բոլորը պաշտում են։ Նրանց խելագարությունն այն աստիճանի է հասնում, որ ոմանք գանգատվում են, թե նա արհամարհել է իրենց, մինչդեռ նրանք նրան երբեք մի բառ էլ ասած չեն եղել, իսկ ոմանք կեղեքվում ու տառապում են խանդի կատաղի ցավից, որ նա ոչ ոքի չէր կարող ներշնչել, քանի որ, ինչպես արդեն ես ձեզ ասացի, մենք նրա մեղքն ավելի շուտ իմացանք, քան մտադրությունը։ Ժայռ չմնաց, վտակ չմնաց, ծառ չմնաց, որի մոտ որևէ հովիվ պատմելիս չլիներ քամուն իր սիրային տանջանքները։ Ամենուր արձագանքը կրկնում է Լեանդրայի անունը։ Լեռները կրկնում են՝ Լեանդրա, և Լեանդրան պահում է մեզ բոլորիս հմայված և կախարդված, և մենք անհույս հուսում ենք, երկյուղ ենք կրում, առանց իմանալու, թե ինչից։ Այս խելագարների միջև ամենացնորամիտն ու ամենաառողջամիտը միաժամանակ իմ ախոյան Անսելմոն է։ Ունենալով գանգատվելու այնքան առիթներ՝ նա ողբում է լոկ Լեանդրայի բացակայությունը իր ոտանավորումներում, երևան հանելով իր մտքի նրբությունը և երգելով նրանց ռաբելի նվագակցությամբ, որ նա զարմանալի լավ է նվագում։ Գալով ինձ՝ ես ավելի բնական և դյուրին ուղի եմ ընտրել, ինձ թվում է, ավելի արդարացի է դատափետել կանանց թեթևամտությունը, նրանց անհաստատամտությունը, նրանց երկերեսանիությունը, նրանց խաբուսիկ խոստումները, երդմնազանցությունը և վերջապես նրանց խոհերի ու մտադրությունների թեթևսոլիկությունը։ Ահա թե, սինյորներ, ինչն է իմ խոսքերի և ասածների իմաստը, որ ասացի այս այծին, երբ որ մոտեցա այստեղ, թեև իմ ողջ հոտի մեջ նա լավագույնն է, բայց ես նրան բարձր չեմ դասում, քանի որ նա իգական սեռին է պատկանում։ Ահա այն պատմությունը, որ խոստացա անել ձեզ։ Թերևս ձեզ այն երկար թվաց, դա նրանից է, որ ձեզ ծառայելու պատրաստակամությունս էլ մեծ է եղել։ Իմ տաղավարը շատ մոտ է այստեղից, ես ունեմ թարմ կաթ, ընտիր պանիր և ամեն տեսակ միրգ, որոնց տեսքը նույնքան հաճելի կլինի, որքան համը։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XLII== | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի վեճի մասին հովվի հետ և ապաշխարողների հազվադեպ արակածի, որ երջանիկ վախճանի հանգեց մեր ասպետի քրտինքի գնով | ||
+ | |||
+ | |||
+ | Այծարածի պատմությունը մեծ բավականություն պատճառեց ամենքին և մանավանդ եկեղեցականին, որ գտավ, թե պատմողն արտահայտվեց ոչ թե գեղջուկ այծարածի, այլ նուրբ ու քաղաքավար ոստանիկի պես և թե քահանան միանգամայն իրավացի էր ասելով, որ լեռները սնում են գիտուններ։ Բոլորն առաջարկեցին Էուխենիոյին իրենց ծառայությունը, սակայն ամենից առատաձեռնը դոն Կիխոտը եղավ, որ ասաց․ | ||
+ | |||
+ | ― Ճիշտ եմ ասում, այծարած եղբայր, եթե ինձ թույլատրած լիներ ձեռնամուխ լինել որևէ արկածի, ես իսկույն ևեթ ճամփա կընկնեի՝ ձեզ լավություն արած լինելու համար։ Ես կերթայի, որ ձեր Լեանդրային հանեմ վանքից, որտեղ անտարակույս, նա իր կամքին հակառակ է փակվել, սրբաքրոջ և բոլոր նրանց ջգրու, ում խելքին փչեց հակառակելու ինձ, և ես կվերադառնայի, որ նրան հանձնեմ ձեր ձեռքը, և դուք վարվեիք ըստ ձեր կամքի՝ բնականաբար, պահպանելով ասպետականության օրենքները, որ արգելում են օրիորդներին պատճառել որևէ տհաճություն։ Սակայն ես հույս ունեմ, տեր Աստծո օգնությամբ, որ չար կախարդի զորությունը այնքան ուժ չի ունենա, որ դիմանա բարի կախարդին, ուստի և ես խոստանում եմ ձեզ իմ օգնությունն ու հովանավորությունը, ինչպես պարտավորացնում է ինձ իմ կոչումը, որ թույլ ու ճնշվածներին օգնելն է։ | ||
+ | |||
+ | Այծարածն սկսեց զննել դոն Կիխոտին և, տեսնելով նրա տարօրինակ տեսքն ու վատ արտաքինը զարմացավ ու դիմեց դալլաքին, որ իր կողքին էր․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր, ո՞վ է այս մարդը, որ ունի նման կերպարանք և խոսելու տարօրինակ եղանակ։ | ||
+ | |||
+ | ― Էլ ո՞վ, ― պատասխանեց դալլաքը, ― եթե ոչ հռչակավոր դոն Կիխոտ Լամանչեցին, վիրավորների վրիժառուն, արդարության վերականգնողը, կույսերին հովանավորողը հսկաների ահ ու զարը և մարտերի մեջ՝ հաղթանակողը։ | ||
+ | |||
+ | ― Նա նման է, ― պատասխանեց այծարածը, ― ասպետական գրքերում կարդացածներիս, որոնց մեջ թափառական ասպետներն անում են ձեր ասածները։ Եվ ես կարծում եմ, որ ձերդ ողորմածությունը կա՛մ ծաղրում է ինձ, կա՛մ պետք է որ այս ազնիվ սինյորի գլուխը դատարկ լինի։ | ||
+ | |||
+ | ― Լի՛րբ֊անզգամ, ― գաչեց դոն Կիխոտը, ― դատարկ ու սարսաղը դո՛ւք եք, իմ գլուխն այնքան լիքն է, ինչպես չի եղել ձեզ աշխարհ բերող անառակի աղջիկ անառակ կինը։ | ||
+ | |||
+ | Խոսքը գործի վերածելով՝ նա վերցրեց մոտը դրած հացն ու շպրտեց այծարածի վրա այնպիսի կատաղությամբ, որ նրա քիթ ու պռունկը ջարդեց։ Այծարածը, որ կատակ չէր հասկանում, և տեսնելով, թե հետը ինչ վատ են վարվում, ո՛չ գորգ ջոկեց, ո՛չ սփռոց, ո՛չ էլ ողջ հասարակությանը, որ նստած էր հացի, հարձակվեց դոն Կիխոտի վրա, երկու ձեռքով բռնեց նրա պարանոցը և, անշուշտ, կխեղդեր նրան անգթորեն, եթե Սանչո Պանսան վրա չհասներ նույն վայրկյանին և չբռներ նրա ուսերից և վայր չգցեր նրան գորգի վրա, ջարդելով բաժակները, ջարդելով ափսեները, նրանց մեջը եղածները թափելով և ցրիվ տալով։ Դոն Կիխոտը ազատվելով նորից հարձակվեց այծարածի վրա, որ երեսը արյունլվա, Սանչոյից ոտնահար, սողեսող գորգի վրա դանակ էր որոնում, որպեսզի արյունոտ վրեժ լուծի։ Բայց եկեղեցականն ու քահանան արգելք հանդիսացան, իսկ դալլաքն այնպես սարքեց, որ այծարածը հաջողեց դոն Կիխոտին իր տակը կոխել և այնքան շատ հարված հասցնել, որ խեղճ ասպետի երեսից նույնքան արյուն թափվեց, որքան իրենիցը։ Եկեղեցականն ու քահանան ծիծաղից թուլացան։ Հրացանաձիգներն ուրախությունից թռչկոտում էին և քըս էին տալիս մեկը մյուսի վրա, ինչպես կռվող շներին են անում։ Սանչոն էր միայն հուսահատ վիճակում, որովհետև եկեղեցականի ծառաներից մեկը նրան բռնել֊խանգարում էր, որ օգնի իր տիրոջը։ | ||
+ | |||
+ | Վերջապես, երբ որ բոլորը ծիծաղում էին, բացառությամբ երկու կռվողների, հանկարծ հնչեց շեփորի ձայն, այնքան տխուր, որ բոլորը երեսները դարձրին այն կողմ, որտեղից հնչեց ձայնը։ Բայց ամենից շատ հուզվողը դոն Կիխոտը եղավ, որ թեև հակառակ իր կամքի պառկած էր այծարածի տակ և ավելի քան աղցան կտրած, ասաց․ | ||
+ | |||
+ | ― Լսի՛ր, դև, անկարելի բան է, որ դու դև չլինես, քանի որ ուժ ու կարողություն ես ունեցել գերազանցելու ինձ, խնդրում եմ, մեկ ժամով դադար անենք, որովհետև այն շեփորի տխրահեծ ձայնը, որ մենք առանք, կարծես թե ինձ որևէ նոր արկածի է կոչում։ | ||
+ | |||
+ | Այծապանը հոգնած ծեծելուց ու ծեծվելուց, բաց թողեց նրան։ Իսկույն դոն Կիխոտը ոտի ելավ, դարձավ այն կողմը, որտեղից գալիս էր ձայնը և տեսավ, որ բլուրից իջնում են բազմաթիվ մարդիկ, ճերմակ շապիկ իրենց հագին, ապաշխարողների պես։ | ||
+ | |||
+ | Պատճառն այն էր, որ այն տարին ամպերը մերժել էին խոնավություն բաշխել երկրին, և այդ կողմի բոլոր գյուղերում թափոր էր լինում, աղոթք ու ապաշխարական երթ, որպեսզի Աստված իր ողորմած ձեռները բանա և բաշխի երկրին անձրև։ Ահա թե ինչու մոտիկ գտնվող գյուղի բնակիչները ուխտագնացության էին գնում այս հովտի զառիվայրում կանգնած սուրբ մատուռը։ Դոն Կիխոտը տեսնելով ապաշխարողների տարօրինակ հանդերձը, իակույն մոռացավ, որ նա քանիցս հանդիպել է նման մարդկանց և երևակայեց, թե սա մի նոր արկած է, որին նա, իբրև թափառական ասպետ, պիտի դեմ տա իր կուրծքը։ Մի բան, որ հաստատեց նրան իր կարծիքի մեջ, այն էր, որ նա տեսավ սև քողով ծածկված սրբապատկեր, որ տանում էին ապաշխարորղները։ Նա երևակայեց, թե դա որևէ իշխանուհի է, որին առևանգում են նենգ ու կոպիտ ավազակները։ Հենց որ այս նրա մտքիցն անցավ, նա վազեց դեպի Ռոսինանտը, որ արածում էր, վերցրեց թամքից կապած սանձն ու վահանը, վայրկյանապես ձիու սանձը գցեց, Սանչոյից պահանջեց իր թուրը, թռավ Ռոսինանտի վրա, վահանը բռնեց և բարձրաձայն ասաց ներկա գտնվողներին․ | ||
+ | |||
+ | ― Հիմա դուք, պատվական սինյորներ, կտեսնեք, թե ինչի համար գոյություն ունեն աշխարհիս երեսին ասպետները, որ թափառական ուխտի ասպետներին են պատկանում։ Հիմա, ասում եմ, այն բարի տիկնոջ ազատության հետևանքով, որին գերի են վարում, դուք կտեսնեք՝ արժանի՞ են արդյոք հարգանքի թափառական ասպետները։ | ||
+ | |||
+ | Այս ասելով՝ նա սեղմեց Ռոսինանտի կողերը խթաններ չունենալու պատճառով։ Ձին արագ վազեց (այս ճշմարտապատում ողջ պատմության ընթացքում դուք չեք կարդացել, որ Ռոսինանտը երբևէ արագ վազ տար), և նա սլացավ ընդդեմ ապաշխարողների, թեև քահանան, եկեղեցականն ու դալլաքը ճիգ էին անում նրան ետ պահել։ Նույնքան ապարդյուն անցան Սանչոյի թախանձանքները, որ ասում էր․ | ||
+ | |||
+ | ― Ո՞ւր ես գնում, սինյոր դոն Կիխոտ։ Ի՞նչ դևեր են ձեզ մեր կաթոլիկ հավատի դեմ գնալու մեղքի մեջ գցել։ Տեսեք, չարը ինձ տանի, ախր սա ապաշխարողների թափոր է, իսկ տիկինը, որին տանում են հենարանի վրա դրած, անարատ կույսի օրհնյալ պատկերն է։ Տեսե՞ք, սինյոր, թե ինչ եք ուզում անել։ Այս անգամ արդեն կարելի է ասել, որ ձեր գործը չէ։ | ||
+ | |||
+ | Սանչոն զուր էր աշխատում՝ նրա տերն այնպես էր շտապում հարձակվել ապաշխարողների վրա և ազատել սգավոր տիկնոջը, որ ոչ մի խոսք չլսեց։ Եթե անգամ լսելու լիներ, նա ետ չէր դառնա, եթե նույնիսկ թագավորը հրամայելու լիներ։ Մոտենալով թափորին՝ նա կանգնեցրեց Ռոսինանտին, որի ուզածն էլ հենց մի քիչ հանգստանալն էր, և խռպոտ ու հուզված ձայնով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Հե՜յ, դուք, որ անազնիվ մարդիկ եք, թե չէ չէիք ծածկի ձեր երեսը, լսեցեք, ինչ եմ ասում․ | ||
+ | |||
+ | Առաջին կանգ առնողները պատկերը տանողներն էին և աղոթք երգող չորս տիրացուներից մեկը, որ նկատեց դոն Կիխոտի տարօրինակ արտաքինը, Ռոսինանտի լղարությունը և մեր ասպետի այլ ծիծաղելի առանձնահատկությունները, պատասխանեց․ | ||
+ | |||
+ | ― Սինյոր, եթե դուք մեզ ասելու բան ունեք, ասացեք շուտով, որովհետև այս եղբայրները, որ դուք տեսնում եք, խոշտանգում են իրենց մարմինը, և մենք ի վիճակի չենք կանգ առնելու ձեր խոսքը լսելու համար ― ասացեք ձեր ասելիքը կարճ, երկու խոսքով։ | ||
+ | |||
+ | ― Ես մեկ խոսքով կասեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ահա թե ինչ՝ իսկույն ևեթ ազատ արձակեցեք այդ սիրուն տիկնոջը, որի արցունքն ու տխրությունը պարզապես վկայում են, որ դուք նրան տանում եք հակառակ իր կամքի և որ դուք նրան սաստիկ վիրավորանք եք հասցրել։ Ես, որ ծնվել եմ այս աշխարհում, որպեսզի վրիժառու լինեմ վիրավորանքի համար, թույլ չեմ տա, որ մի քայլ առաջ ընթանաք նախքան նրան ցանկալի և արժանի ազատությունը չվերադարձնեք։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերից բոլորը հասկացան, որ դոն Կիխոտը խելագար է և քահ֊քահ ծիծաղեցին, բայց այդ ծիծաղը դարձավ վառոդ, որից բռնկեց դոն Կիխոտի զայրույթը, և նա, այլևս առանց մի խոսք ասելու, թուրը քաշեց և հարձակվեց հենարանի վրա։ Բռնողներից մեկը, որ իր տեղը տալով ընկերներից մեկին, դուրս եկավ դոն Կիխոտի դեմ, ձեռքին՝ փայտը, որ դնում են հենարանի տակ հանգստանալու միջոցին։ Դոն Կիխոտը թրով հարվածեց այդ փայտին և երկու կես արեց փայտը։ Բայց գյուղացին ձեռքին մնացած փայտի կտորով այնպես խփեց դոն Կիխոտի ուսին (այն կողմից, որ նրա թուրն էր և անկարելի էր վահանով ծածկել, որ խեղճ ասպետը ձիուց վայր ընկավ շատ վատթար վիճակում։ Սանչո Պանսան, որ հևիհև հետևում էր նրան, տեսնելով նրան գետնատարած, ճչաց նրա հակառակորդին, որ այլևս չխփի, ավելացնելով, որ դա մի խեղճ, կախարդված ասպետ է, որ իր ողջ կյանքում ոչ ոքի վնաս չի տվել։ Գյուղացին կանգ առավ, բայց ոչ թե Սանչոյի աղաղակից, այլ տեսնելով, որ դոն Կիխոտն անշարժ ընկած է գետնին։ Կարծելով, որ սպանել է նրան, նա արագ֊արագ բարձրացրեց շապիկի փեշերը, խրեց գոտին և սկսեց վազել դաշտով եղջերուի պես։ | ||
+ | |||
+ | Այդ միջոցին վրա հասավ դոն Կիխոտի ողջ հասարակությունը նրա պառկած տեղը։ Թափորի մարդիկ տեսնելով, վազեվազ եկողներին, որոնց մեջ հրացանները ձեռքին գյուղական ոստիկաններ կային, վախենալով, որ վատ բան դուրս կգա, խմբվեցին սրբապատկերի շուրջը, կնգուղները քաշեցին գլուխները, բռնեցին իրենց մտրակները, տիրացուները՝ իրենց մոմակալները և, սպասելով հարձակման, որոշել էին պաշտպանվել և անգամ հարձակման դիմել, եթե կարելի լինի։ Սակայն բախտը տնօրինել էր ավելի լավ, քան կարելի էր կարծել։ Սանչո Պանսան ընկել էր իր տիրոջ մարմնի վրա և ողբ էր անում ամենացավագին և ծիծաղելի կերպով, նրան մեռած համարելով։ Մեր քահանային ճանաչեց թափորին մասնակցող քահանան, ուստի երկյուղը, որ ներշնչում էին իրար երկու խմբերը, փարատվեց։ Մեր քահանան երկու խոսքով բացատրեց մյուսին, թե ով է դոն Կիխոտը, ապա թե ապաշխարողների բազմությունը մոտեցավ դոն Կիխոտին, որ տեսնի, թե խեղճ ասպետը մեռե՞լ է արդյոք և լսեցին, թե ինչպես Սանչո Պանսան, արցունքն աչքերին ասում էր․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ծաղիկդ ասպետության, փայտի մեկ հարվածից ընդհատվեցին քո տարիները, որ դու այնքան լավ էիր գործադրում։ Քո տոհմի պատիվը, բովանդակ Լամանչի և արար աշխարհի փառքն ու պատիվը, առանց քեզ աշխարհը կլցվի ոճրագործներով, որոնք այլևս չեն վախենա պատժից իրենց հանցագործությունների համար։ Օ՜, առատաձեռդ, առավել քան բոլոր Ալեքսանդրերը, դու, որ լոկ ութ ամսվա ծառայության համար մտադիր էիր տալու ինձ լավագույն կղզին, որին ծովը գոտևորում ու շրջապատում է։ Օ՜, խոնարհդ գոռոզների հետ և գոռոզդ խոնարհների հետ, վանողդ վտանգի, համբերողդ վիրավորանքի, սիրահարվածդ առանց առարկայի, ընդօրինակողդ բարու, խարազանդ չարի, թշնամիդ ստորության, վերջապես՝ թափառականդ ասպետ, որով ամեն ինչ ասված է։ | ||
+ | |||
+ | Սանչոյի ողբ ու կոծից դոն Կիխոտը ուշքի եկավ և նրա առաջին խոսքերն էին․ | ||
+ | |||
+ | ― Նա, որ ապրում է հեռու ձեզնից, քաղցրագույն Դուլսինեա, ենթակա է ավելի վատթար աղետների, քան այս է։ Օգնի՛ր ինձ, Սանչո բարեկամ, բարձրանամ կախարդված սայլի վրա, որովհետև ես ի վիճակի չեմ Ռոսինանտի վրա նստելու՝ ուսս ջարդված է։ | ||
+ | |||
+ | ― Ամենայն սիրով, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― և, եկեք վերադառնանք մեր գյուղը, ընկերակցությամբ այս սինյորների, որ ձեր բարին են ցանկանում, այնտեղ մենք կնախապատրաստենք նոր արշավ, որ մեզ կտա ավելի օգուտ ու փառք։ | ||
+ | |||
+ | ― Լավ ես ասում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մեծ խոհեմություն կլինի, թողնենք, որ համաստեղությունների այժմյան չար ազդեցությունն անցնի։ | ||
+ | |||
+ | Եկեղեցականը, քահանան և դալլաքն ասացին, թե շատ լավ կլինի նրա ասածը կատարել և, Սանչոյի պարզամտությունից կուշտ զվարճանալուց հետո նրանք նորից դոն Կիխոտին դրին սայլի վրա, ինչպես նա առաջ գնում էր։ Երթը վերստին իր կարգով ճամփա ընկավ։ Այծարածը բոլորին հրաժեշտ տվեց։ Հրացանաձիգները չկամեցան այլևս նրանց հետ գնալ, և քահանան վճարեց նրանց, ինչքան որ հարկն էր։ Եկեղեցականը խնդրեց տեղեկացնել իրեն, թե ինչ կլինի դոն Կիխոտի վերջը՝ կբուժվի՞ արդյոք խելագարությունից, թե ոչ և թույլտվություն խնդրեց շարունակելու իր ուղին։ Վերջապես, բոլորը բաժանվեցին իրարից ու գնացին, մնացին միայն քահանան ու դալլաքը, դոն Կիխոտն ու Սանչո Պանսան և բարի Ռոսինանտը, որ ինչ էլ տեսներ, ընդունում էր մեծ համբերությամբ, ինչպես իր տերը։ | ||
+ | |||
+ | Սայլապանը եզները լծեց, նստացրեց դոն Կիխոտին մի խուրձ խոտի վրա և իր սովորական անխռովությամբ ճամփա ընկավ քահանայի ցույց տված ուղիով և վեց օրից նրանք հասան դոն Կիխոտի գյուղը։ Կիրակի էր և օրը ցերեկ։ Հրապարակի վրա, որի միջով անցնում էր դոն Կիխոտի սայլը, ժողովուրդի բազմություն կար։ Բոլորը հավաքվեցին, որ տեսնեն, թե ով է սայլով եկողը և, ճանաչելով իրենց համագյուղացուն, մնացին զարմացած։ Մի տղա վազեց, որ իմաց տա դոն Կիխոտի քրոջ աղջկան և տնտեսուհուն, թե եկել է մեկի՝ քեռին, մյուսի՝ տերը՝ լղար ու դեղնած, եզներ լծած սայլով, մեկնված մի խուրձ խոտի վրա։ Ցավալի էր լսել, թե ինչ լացուկոծ բարձրացրին երկու բարի կանայք, ինչպես էին կուրծք ծեծում, ինչպես էին նորից ու նորից անիծում ասպետական վեպերը։ Այս ամենը կրկնվեց, երբ որ նրանք տեսան դոն Կիխոտին դռնից ներս մտնելիս։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի գալստյան լուրն առնելով, վազեվազ եկավ և Սանչո Պանսայի կինը, որ տեղյակ էր, թե իր մարդը մեր ասպետի զինակիրն է դառել։ Սանչոյին տեսնելուն պես առաջին հարցն այն եղավ, թե ինչպես է իրենց էշը։ | ||
+ | |||
+ | Սանչոն պատասխանեց, թե ավելի լավ, քան իր տերը։ | ||
+ | |||
+ | ― Փառք աստծու, ― հարեց կինը, ― այդքան բարիքի համար։ Հիմա պատմեցեք տեսնեմ, բարեկամ, զինակրի պաշտոնից ի՞նչ օգուտ եք քաղել։ Ի՞նչ նվեր եք բերել ինձ համար։ Ո՞ւր են ձեր երեխաների կոշիկները։ | ||
+ | |||
+ | ― Այդ տեսակի բաներ չեմ բերել, կինս, ― ասաց Սանչոն, ― բայց ուրիշ բան եմ բերել, ավելի կարևոր։ | ||
+ | |||
+ | ― Դու ինձ շատ ես ուրախացնում, ― պատասխանեց կինը, ― դե, ցույց տուր ինձ այդ ավելի կարևոր բանը, բարեկամս, ցույց տուր՝ տեսնեմ, որ սիրտս ուրախանա, ախր, այնքան տխուր ու տրտում է եղել ձեր դարավոր բացակայության ընթացքում։ | ||
+ | |||
+ | ― Տանը ցույց կտամ, կին, ― ասաց Պանսան, ― առայժմ գոհացիր նրանով, որ եթե Աստված հաջողի մեկ էլ ճամփա ընկնենք արկածներ որոնելու, դուք ինձ շուտով կտեսնեք կոմս կամ կղզու վարչապետ դառած, այն էլ ոչ թե մի քոսոտ, այլ ամենալավ կղզու։ | ||
+ | |||
+ | ― Աստված բարին կատարի, մարդ իմ, կղզին մեզ շատ պետքական է։ Միայն թե ասացեք ինձ, կղզին ի՞նչ բան է, ես գլխի չեմ ընկնում։ | ||
+ | |||
+ | ― Էշն ինչ գիտե՝ նուշն ինչ է, ― պատասխանեց Սանչոն, ― ժամանակը կգա կտեսնեք, կին, աբա՛ թե կզարմանաս, հա, երբ որ լսես, որ բոլոր հպատակներդ քեզ ձերդ պայծառություն են անվանելու։ | ||
+ | |||
+ | ― Ինչե՜ր ես խոսում պայծառություններից, կղզիներից ու հպատակներից, Սանչո։ ― Պատասխանեց Խուանա Պանսան (այդպես էր կոչվում Սանչոյի կինը, թեև նրանք ազգականներ չէին, բայց Լամանչում ընդունված է կանանց անվանել իրենց մարդկանց անունով)։ | ||
+ | |||
+ | ― Մի՛ շտապիր, Խուանա, ամեն ինչ այդքան արագ իմանալ։ Բավական է, որ ես քեզ ճշմարտություն եմ ասում և բերանդ փակ պահիր։ Կասեմ միայն հարևանցիորեն, որ արկածախնդիր թափառական ասպետի պատվելի զինակիրը լինելուց ավելի հաճելի բան աշխարհիս երեսին չկա՛։ Ճիշտ է, արկածների մեծ մասը այնպիսի վախճան չեն ունենում, ինչպիսին մարդ կցանկանար և հարյուրից ինսունինը ծուռ ու մուռ են դուրս գալիս։ Այդ ես փորձով գիտեմ, եղել է, որ ինձ վերմակի վրա վեր֊վեր են թռցրել, այլ անգամ ջարդ ու բուրդ արել։ Այնուհանդերձ, շատ հաճելի բան է փորձել բախտը, մագլցել ժայռերի վրա, անցնել անտառներ, հաճախել դղյակներ և ձրի իջևանել հյուրանոցներում, առանց մի գրոշ անգամ վճարելու, գրողը տանի՜։ | ||
+ | |||
+ | Այսպես էին զրուցում Սանչո Պանսան ու Խուանա Պանսան, մինչդեռ դոն Կիխոտի տնտեսուհին ու քրոջ աղջիկը ընդունում էին դոն Կիխոտին, շորերը հանում և պառկեցնում հին անկողնում։ Դոն Կիխոտը նայում էր նրանց մոլոր հայացքով և չէր կարողանում հասկանալ, թե ինքը որտեղ է։ Քահանան դոն Կիխոտի քրոջ աղջկան խորհուրդ տվեց լավագույն կերպով խնամել իր քեռուն և զգուշանալ, որ նա մեկ է չփախչի տանից՝ պատմելով նրան՝ թե ինչեր են իրենք արել, որպեսզի նրան տուն դարձնեն։ Այստեղ երկու կանայք նորից լաց ու կոծ բարձրացրին, նորից սկսեցին անիծել ասպետական վեպերը և աղերսում էին երկնքից, որ ողջ այդ ստերի ու անմտությունների հեղինակներին գլորի անդունդի խորքը։ Նրանք մնացին մշտական ահի մեջ, թե մեկի՝ քեռին, մյուսի՝ տերը կրկին կլքի իրենց, հենց որ մի քիչ կազդուրվի, մի բան, որ այդպես է եղավ, ինչպես նրանք նախատեսում էին։ | ||
+ | |||
+ | Այս պատմության հեղինակը, հակառակ իր թափած ջանասիրության, չկարողացավ դոն Կիխոտի երրորդ արշավի միջոցին նրա կատարած սխրագործությունների մասին որևէ տեղեկություն գտնել, առնվազն ստույգ աղբյուրներից։ Լամանչի ավանդություններում պահպանվել է դոն Կիխոտի արշավի հիշատակը, երրորդ անգամ տնից դուրս գալու, Սարագոսա ժամանելու մասին, որտեղ մասնակցել է հռչակավոր մենամարտությունների, որ կազմակերպած են եղել այդ քաղաքում և որտեղ նա իր զորության և բարձր բանականության արժանի գործեր է կատարել։ | ||
+ | |||
+ | Սակայն վերջին քաջագործությունների և նրա մահվան մասին հեղինակը ոչինչ չկարողացավ գտնել և երբեք էլ չէր գտնի, եթե բարի բախտը նրան չներկայացներ մի ծեր բժշկի, որ ուներ կապարե մի արկղիկ, որ, իր ասելով, գտնված էր հին մի մատուռի վերանորոգության ժամանակ ավերակների մեջ։ Այդ արկղիկի մեջ գոթական գրերով, բայց իսպաներեն ոտանավորներով գրած մի մագաղաթ կար, որ պարունակում էր դոն Կիխոտի բազմաթիվ սխրագործությունները, տեղեկություն կար Դուլսինեա Տոբոսցու գեղեցկության, Ռոսինանտի արտաքինի, Սանչո Պանսայի հավատարմության և մեր ասպետի թաղման մասին։ Կային նույնպես զանազան տապանագրեր և նրա կյանքի և բնավորության վերաբերող գովասանական ոտանավորներ։ Այս զարմանալի և ցարդ չտեսնված ճշմարտապատում պատմության հեղինակը հաղորդում է այս, ինչ որ հաջողվեց վերծանել ու կարդալ։ Եվ, իբրև վարձատրություն Լամանչի բոլոր արխիվները հետազոտելու և ուսումնասիրելու վրա թափած աշխատանքի, հեղինակն իր ընթերցողներից լոկ մեկ բան է խնդրում՝ վերաբերվել այս պատմության նույնպիսի հավատով, ինչ որ խելամիտ մարդիկ վերաբերվում են ասպետական վեպերին, որ հիմա մեզանում այնքան տարածված են։ Այդ վստահությունը նրա համար բավական վարձատրություն ու բավարարություն կլինի և ոգևորելով կմղի նրան այլ պատմությունների որոնումների, եթե ոչ նույնքան ճշմարտապատում, ինչպես այս մեկն է, ապա համենայն դեպս, ոչ պակաս զվարճալի ու հաճելի։ | ||
+ | |||
+ | Ահա կապարե արկղիկի մեջ գտնված մագաղաթի առաջին խոսքերը․ | ||
+ | |||
+ | Լամանչյան ավանի, Արգամասիլյայի ակադեմիկոսները, արի դոն Կիխոտ Լամանչեցու կյանքի և մահվան առթիվ | ||
+ | |||
+ | |||
+ | ::::::::Hoc scripseruntլը։<ref>«Գրել եմ հետևյալը։»</ref> | ||
+ | ::::Էլ Մոնիկոնդոն,<ref>Կոնգոյի բնակիչ։</ref>աաաաաաաաաաա Արգամասիացի | ||
+ | :::::ակադեմիկոսը դոն Կիխոտի | ||
+ | ::::::: դամբարանին | ||
+ | |||
+ | |||
+ | :::::::Տապանագիր | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Հիմար, որի առաջ գովել են հները | ||
+ | Յազոնի ավարը և ցնորքները սին․ | ||
+ | Մինչ փահտին հասցրած խելքը, որ շրջել է՝ | ||
+ | Տափակ հողմացույց էր, ո՛չ ավելին։ | ||
+ | |||
+ | Եվ հզոր բազուկը, որի արձագանքը | ||
+ | Չեն լսի Գայետը<ref>Իտալական մի նավահանգիստ։</ref> և Չինը հին․ | ||
+ | Մեծ երգիչ, որ ծածկած բոլոր պոետներին | ||
+ | Մինչ հանգը կրում էր բրոնզյա տախտակը։ | ||
+ | |||
+ | Նա որ ետև թողեց ողջ Ամադիսներին՝ | ||
+ | Եվ հսկան տեսավ լոկ թզուկի մեջ, | ||
+ | Եվ սիրույն ու կռվին ծառայելով միշտ գոհ, | ||
+ | |||
+ | Եվ լռության մատնեց Բելյանիսներին՝ | ||
+ | Ռոսինանտին նստած թափահարում էր անվերջ, | ||
+ | Արդ հանգչում է այն պաղ շիրմաքարի ներքո։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | ::::Արգամասիլիացի ակադեմիկոսի | ||
+ | :::::Պանիագուադոն<ref>Paniaguado (բառացի՝ «հաց և ջուր ստացող») ― Ծառա հացկեն տակ։</ref> ni lavdem ni lavdem | ||
+ | ::::::Dulsineae del Toboso<ref> Ի գովասանս Դուլսինեա Տոբոսցու։</ref> | ||
+ | |||
+ | :::::::Սոնետ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Գցելով հայացքը նրա դեմքին պարարտ, | ||
+ | Վայելչակազմությանն ու պնդակազմ վզին՝ | ||
+ | Կտեսնես Տոբոսյան Դուլսինեային, | ||
+ | Որին երազում էր վեհ դյուցազնը հպարտ։ | ||
+ | |||
+ | Նրան, ում համար նա քաղցած ու միայնակ | ||
+ | Ոտքի տակ էր տալիս լանջը Սիերա Նեգրի<ref>Բառացի՝ «Սև Սյերա» (չարաբաստիկ իմաստով) ― կատակի ձևով վերանվանված Սյերրա Մորենան է, որի անունը, հիրավի, ծագելով «Սյերրա Մարիանա»֊ից (այսինքն՝ «Մարիանա սարը»), համահնչյուն կարգով կարող էր իմաստավորված լինել որպես «Սևորակ Սյերրա»։ </ref> | ||
+ | Սեզերն ու հասկերը Մոնտելյան դաշտերի | ||
+ | Եվ Արանխուեսի<ref>Արանխուես ― իսպանական թագավորների ամառային շքեղ աթոռանիստ, գտնվում է Մադրիդից դեպի հաարավ, 50 կիլոմետր հեռավորության վրա։ Արանխուեսի գեղեցկությունը հռչակված է եղել XVII դարում, և այդ անունը հասարակ է դարձել հրապույր ու գեղեցկություն որակելու համար։</ref> շուշանները ճերմակ։ | ||
+ | |||
+ | Մեղավորը ձի՛ն է։ Ահե՛ղ ճակատագիր։ | ||
+ | Գեղեցիկ լամանչի ասպետը միշտ անպարտ՝ | ||
+ | Ծաղկուն սիրուհու հետ արդ քնած է հանդարտ։ | ||
+ | |||
+ | Դուլսինեան կորցրեց գեղեցկությունն արդեն։ | ||
+ | Ասպետը, որ թեև քուն է մտել հանգիստ, | ||
+ | Ձեզնից չխուսափեց, ո՛վ սեր, խաբկանք և քեն։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | ::::Արգամասիլիացի ամենանրբաճաշակ | ||
+ | :::::ակադեմիկոսի կապրիչոսոն<ref>Caprichoso ― նշանակում է «քմահաճ, անմիտ»։</ref> | ||
+ | :::::ի դրվատումն Ռոսինանտի, | ||
+ | ::::դոն Կիխոտ Լամանչեցու նժույգի | ||
+ | |||
+ | |||
+ | :::::::Սոնետ | ||
+ | |||
+ | <Poem> | ||
+ | |||
+ | Ներկած մարսյան գույնով՝ համակ արյամբ, | ||
+ | Ամբարտավանության ադամանդյա գահի՝ | ||
+ | Գլխի վրա, ուժով, ահեղ լամանչեցին | ||
+ | Պարզեց իր դրոշը ― կատաղությամբ։ | ||
+ | |||
+ | Վերցընում է զրահն ու սուրը հին․ | ||
+ | Ահեղ է հատման մեջ․ միշտ ջարդելու հակմամբ։ | ||
+ | Այս նոր քաջություն է։ Եվ, կամքին հակառակ, | ||
+ | Նոր ոճ է աղերսում Մուսան նոր հերոսին։ | ||
+ | |||
+ | Եվ եթե Գաղղիայում՝ Ամադիսն է գովված, | ||
+ | Որին Հունաստանի հետնորդները խիզախ | ||
+ | Գովերգելով փառքը բարձրացըրին, | ||
+ | |||
+ | Ապա Կիխոտն այսօր Բելլոնի<ref>Բելլոն ― հռոմայեցիների պատերազմի աստվածուհին։</ref> մոտ կանգնած | ||
+ | Նրա հետ հաղթանա՛կ է վաստակել անվախ, | ||
+ | Քան Գալլը և Հույնը<ref>Աամադիս գաղղիացին և Բելիանիս հունաստանցին։</ref> միասին։ | ||
+ | |||
+ | Նա կապրի, անմահություն բնավ չմուրալով, | ||
+ | Քազնի Ռոսինանտը վաղուց է իր ավյունով, | ||
+ | Նսեմացրել Բայարդին ու Բրիլյադորին։<ref>Մականուն մարտական նժույգների Ռեյնալդ Մոնտալբանացու և Ռոլանդի, այսինքն այն երկու ռազմիկների, որոնց նկարագրել է Արիոստոն իր «Կատաղի Ռոլանդում»։</ref> | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | ::::Արգամասիլիացի ակադեմիկոսի | ||
+ | :::Բուրլադորան<ref>Burlador նշանակում է «կատակաբան»։</ref>՝ Սանչո Պանսային | ||
+ | |||
+ | :::::::Սոնետ | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Ահա, Սանչո Պանսան։ Ոչ մեծ հասակ։ | ||
+ | Արիությամբ բարձըր (հրաշք չէ՞ այն)։ | ||
+ | Ոչ ոք չէր իմանում նրա նման | ||
+ | Համախոհին զգալ այնքան արագ։ | ||
+ | |||
+ | Կարող էր կոմս դառնալ։ | ||
+ | Պատրաստ էր ամեն բան, | ||
+ | Բայց նրա դեմ լցվեց նախանձով ու ոխով, | ||
+ | Դավեց աշխարհը ապիտատ ու դաժան, | ||
+ | Աշխարհ, որ էշին էլ կծվատի ողջ֊ողջ։ | ||
+ | |||
+ | Էշին, որի վրա (ներեցե՛ք ինձ), | ||
+ | Շտապում էր սույն այս ռազմիկն անչար, | ||
+ | Ռոսինանտի և դոն Կիխոտի ետևից։ | ||
+ | |||
+ | Օ՜, զուր հույսեր, դո՛ւք եք արագաբար | ||
+ | Ուզում եք շուտ անցնել առաջից մեր՝ | ||
+ | Դառնալով զառանցանք, մշո՛ւշ, ստվեր․․․ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | ::Արգամասիլիացի ակադեմիկոսի | ||
+ | ::Կազիդյաբլոն՝<ref>Cachidiablo «պոզավոր սատանա» (ի միջի այլոց՝ Սերվանտեսի ժամանակներում այդ մականունն է կրել իր ասպատակներով հայտնի ալժիրցի մի ծովահեն)։</ref> դոն Կիխոտի | ||
+ | :::::դամբարանին | ||
+ | |||
+ | |||
+ | :::::Տապանագիր | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Ասպետն այստեղ հանգավ ի տեր, | ||
+ | Շատ ծեծված ու զուր թափառած․ | ||
+ | Որ, Ռոսինանտ նժույգն հեծած, | ||
+ | Անցավ բազում ճանապարհներ։ | ||
+ | |||
+ | Այս էլ Սանչոն է հիմարիկ, | ||
+ | Նրա կողքին լուռ ննջում արդ․ | ||
+ | Որպես նրա կարգի մի մարդ՝ | ||
+ | Հավերժորեն հավատարիմ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | :::Արգամասիլիացի ակադեմիկոսի | ||
+ | ::Տիկիտոկան՝<ref>Ծաղրական անուն, ըստ երևույթին, ձայնանմանության բնույթի («տիկ֊տակ», «տուկ֊տուկ»֊ի նման), ըստ որոշ բացատրության, այդ անունը Սերվանտեսն է հնարել իտալերեն ticchio բառից, որ նշանակում է՝ «խելացնորություն, տարօրինակություն»։ </ref> Դուլսինեա Տոբոսեցու | ||
+ | :::::դամբարանին | ||
+ | |||
+ | |||
+ | :::::Տապանագիր | ||
+ | |||
+ | <poem> | ||
+ | |||
+ | Այստեղ հանգչում է Դուլսինեան, | ||
+ | Որի մարմնի կազմը հզոր, | ||
+ | Դաժան մահը, չխղճալով, | ||
+ | Փոշիացրեց առ հավիտյան։ | ||
+ | |||
+ | Արյամբ ազնիվ, թեև ոչ հին, | ||
+ | Իր ժրությամբ հայտնի սակայն, | ||
+ | Գեղեցկությամբ իր գեղջկական | ||
+ | Դոն Կիխոտի այս սիրուհին։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Ահա և բոլոր ոտանավորները, որ մեզ հաջողվեց կարդալ։ Մնացածներում՝ որդերն այնպես էին կերել տառերը, որ հարկ եղավ դրանք տալ մի ակադեմիկոսի և խնդրել, որ մեկնաբանի դրանք կոնյուկտուրաների օգնությամբ։ Մեզ հայտնի է, որ երկար, անքուն գիշերների և համառ աշխատանքի գնով նրան հաջողվել է այդ, և նա մտադիր է լույս ընծայել՝ հույս տածելով դոն Կիխոտի երրորդ արշավին։ | ||
+ | |||
+ | |||
+ | ::::Forse altri con miglior plettro<ref>Այդ մասին ավելի լավ է թող ուրիշները երգեն» ― ոտանավորի տող «Կատաղի Ռոլանդից», (երգ XXX, տուն 16)։</ref> | ||
Ընթացիկ տարբերակը 12:35, 9 Ապրիլի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Միգել դե Սաավեդրա Սերվանտես |
- Խիբրաելոնի մարկիզ, Բենալկասարի և Բանյարեսի կոմս
- Ալկոսերա քաղաքի վիկոնտ, Կապիլիա,
- Կուրիել և Բուրգիլիոս գյուղերի տեր
- Խիբրաելոնի մարկիզ, Բենալկասարի և Բանյարեսի կոմս
- Հերցոգ դե Բեխարին
Գիտենալով, որ ձերդ պայծառափայլությունը բարեհաճ և հարգալից ընդունելություն է ցույց տալիս ամեն տեսակ գրքերի, ինչպես այդ պատշաճ է իշխանին, որն այնքան տրամադիր է քաջալերելու գեղեցիկ արվեստները, հատկապես այնպիսին նրանցից, որոնք իրենց ազնվությամբ չեն ստորանում մինչև ամբոխին շահադիտորեն ծառայելու աստիճանը, ես որոշեցի ձերդ պայծառափայլության փառապանծ պաշտպանությամբ լույս ընծայել «Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» գիրքը և ձեր մեծությանը արժանի ամենայն հարգանքով խնդրում եմ ողորմածաբար ընդունել այն ձեր հովանավորության տակ, որպեսզի, թեև նա զուրկ է նրբագեղության և բարեկրթության այն թանկագին զարդարանքներից, որոնցով սովորաբար պարուրվում են գիտուն մարդկանց տներում դրված հեղինակությունները, այնուամենայնիվ ձեր անվան հովանու տակ նա համարձակվի վստահությամբ հանդես գալ այն մարդկանց դատաստանի առջև, որոնք անցնելով սեփական տգիտության սահմանները, սովոր են ուրիշի աշխատանքները դատապարտել ավելի շատ խիստ, քան արդարացի․ ձերդ պայծառափայլության իմաստուն աչքից չեն վրիպի իմ բարի դիտավորությունները, և ես հույս եմ տածում, որ դուք չեք արհամարհի իմ հլու նվիրվածության այդ չնչին նշանը։
- Միգել դե Սերվանտես Սաավեդրա
Բովանդակություն
- 1 Նախաբան
- 2 Մասն առաջին
- 3 Գլուխ I
- 4 Գլուխ II
- 5 Գլուխ III
- 6 Գլուխ IV
- 7 Գլուխ V
- 8 Գլուխ VI
- 9 Գլուխ VII
- 10 Գլուխ VIII
- 11 Գլուխ IX
- 12 Գլուխ X
- 13 Գլուխ XI
- 14 Գլուխ XII
- 15 Գլուխ XIII
- 16 Գլուխ XIV
- 17 Գլուխ XV
- 18 Գլուխ XVI
- 19 Գլուխ XVII
- 20 Գլուխ XVIII
- 21 Գլուխ XIX
- 22 Գլուխ XX
- 23 Գլուխ XXI
- 24 Գլուխ XXII
- 25 Գլուխ XXIII
- 26 Գլուխ XXIV
- 27 Գլուխ XXV
- 28 Գլուխ XXVI
- 29 Գլուխ XXVII
- 30 Գլուխ XXVIII
- 31 Գլուխ XXIX
- 32 Գլուխ XXX
- 33 Գլուխ XXXI
- 34 Գլուխ XXXII
- 35 Գլուխ XXXIII
- 36 Գլուխ XXXIV
- 37 Գլուխ XXXV
- 38 Գլուխ XXXVI
- 39 Գլուխ XXXVII
- 40 Գլուխ XXXVIII
- 41 Գլուխ XXXIX
- 42 Գլուխ XL
- 43 Գլուխ XLI
- 44 Գլուխ XLII
- 45 Գլուխ XLIII
- 46 Գլուխ XLIV
- 47 Գլուխ XLV
- 48 Գլուխ XLVI
- 49 Գլուխ XLVII
- 50 Գլուխ XLVIII
- 51 Գլուխ XLIX
- 52 Գլուխ L
- 53 Գլուխ LI
- 54 Գլուխ XLII
Նախաբան
Պարապ ընթերցող, դու առանց երդումների կկարողանաս հավատալ ինձ, թե ինչպես եմ ուզում, որ այս գիրքը՝ իմ բանականության զավակը,[1] լինի ամենասքանչելին, նրբագեղը և խելացին այն բոլոր գրքերից, ինչպիսիք կարելի է պատկերացնել։ Բայց ես չէի կարող խախտել բնության օրենքը, ըստ որի ամեն արարած ծնում է իր նմանին։ Ուստի և, ուրիշ ի՞նչ կարող էր ծնել իմ անպտուղ և անմշակ խելքը, եթե ոչ մի պատմվածք՝ նիհար, չորացած, տարօրինակ և դեռ երբեք ոչ ոքի գլխով չանցած զանազան մտքերով լի մի հերոսի մասին։ Քանի որ մի՞թե կարող է ուրիշ տեսակ լինել բանտում ծնված էակը, ուր ամենայն կեղեքում ապաստան է գտնում և ուր իրեն հանգրվան է ընտրել վշտի ամեն մի հնչյուն։ Լռությունը, խաղաղ վայրը, պայծառ երկինքը, առուների խոխոջը, հոգու անդորությունը՝ ահա ինչն է օգնում ամենաանպտուղ մուսաներին դառնալ արգասավոր և լույս աշխարհ բերել այնպիսի սերունդ, որը աշխարհը լցնում է հիացմունքով ու զարմանքով։ Պատահում է, որ հայրն ունենում է այլանդակ և անճոռնի որդի, բայց հայրական սերը կապում է նրա աչքերը, և նա ոչ միայն չի նկատում որդու թերությունները, դեռ ավելին, համարում է դրանք խելքի ու նրբագեղության նշան և դրանց մասին պատմում է իր բարեկամներին որպես սրամտության ու նրբության դրսևորման մասին։ Իսկ ես միայն թվում եմ դոն Կիխոտի հայրը, բայց իրականում նրա խորթ հայրն եմ, և չեմ ուզում լողալ ուրիշների ետևից հոսանքի ուղղությամբ և նրանց պես աղերսել քեզ, թանկագին ընթերցող, համարյա արցունքն աչքերիս, որպեսզի ներես որդուս թերությունները, կամ այնպես ձևացնես, թե չես նկատում դրանք․ չէ՞ որ դու նրան ո՛չ ազգականես, ո՛չ բարեկամ, մարմնիդ մեջ քո ազատ կամքը ավելի վատ չէ, քան մեզանից որևէ մեկինը, դու նստած ես քո տանը, իսկ տանդ դու նույնպիսի տեր ես, ինչպես թագավորն իր գանձարանում, և դու գիտես, թե ինչ է ասում առածը․ «Իմ թիկնոցի տակ ես թագավորին էլ կսպանեմ»։ Այդ բոլորը քեզ փրկում ու ազատում է ամեն տեսակ աչառությունից ու պարտավորություններից, և այս պատմության մասին դու կարող ես ասել այն ամենը, ինչ մտքովդ անցնի, չվախենալով, որ քեզ կդատապարտեն, եթե վատ արտահայտվես դրա մասին, կամ կպարգևատրեն, եթե գովաբաես։
Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ դոն Կիխոտի պատմության նախաբանը, և դա ինձ այնպես է դժվարացնում, որ չեմ ուզում գրել այդ, դեռ ավելին, չեմ ուզում լույս ընծայել այնքան ազնիվ ասպետի սխրագործությունների պատմությունը։
― Բայց ինչպե՞ս եք ուզում դուք, որ ինձ չվարանեցնի ժողովուրդ կոչվող հին օրենսգրի դատավճիռը, երբ նա տեսնի, որ այնքա՜ն տարիներ մոռացման անդորրի մեջ քնելուց հետո հանկարծ նորից հանդես եմ գալիս տարիքիս բեռան տակ կքած, և նրան մատուցում եմ մի երկ փետրախոտի պես չոր, երևակայությամբ աղքատ, ոճից զուրկ, սակավամիտ, հեռու ամենայն գիտությունից ու հմտությունից, առանց լուսանցագրությունների և գրքի վերջում առանց ծանոթագրությունների, երբ ես գիտեմ, որ հիմա բոլոր գրքերը, նույնիսկ պատմողական և աշխարհիկ, լեփ֊լեցուն են Արիստոտելի, Պլատոնի և փիլիսոփաների ողջ ոհմակի ասույթներով, որի շնորհիվ հիացած ընթերցողները այդ գրքերի հեղինակներին համարում են կարդացած, կրթված և պերճախոս մարդիկ։ Այդ դեռ քիչ է, նրանք մեջբերումներ են անում նաև սուրբ Գրքի՜ց։ Իրավ, նրանց կարելի է սուրբ Թովմասի կամ եկեղեցու մյուս ուսուցիչների տեղը դնել, և ընդմին նրանք այնպես նրբորեն են պահպանում պատշաճավորությունը, որ մի էջի վրա պատկերելով որևէ անառակ սիրեկանի, մյուս էջի վրա անմիջապես հրամցնում են ձեզ քրիստոնեական մի խրատ, որը լսելն ու կարդալը մի սփոփանք և ուրախություն է։ Այդ ամենը չկան իմ գրքում, որովհետև ոչինչ չկա լուսանցագրելու, ոչինչ չկա վերջում՝ ծանոթագրություններում զետեղելու, և ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որ հեղինակներին եմ հետևել իմ պատմվածքի մեջ, այնպես որ ի վիճակի չեմ գրքիս սկզբում, ըստ ընդունված սովորության, բերել անվանացուցակ այբբենական կարգով, սկսած Արիստոտելից և վերջացրած Քսենոֆոնտով, Զոիլով և Զևքսիսով,[2] առանց ուշադրություն դարձնելու այն բանին, որ նրանցից մեկը չարախոս շաղակրատի մեկն է, իսկ մյուսը՝ նկարիչ։ Նմանապես իմ գրքի սկզբում չեն լինի սոնետներ, համենայն դեպս սոնետներ՝ գրված հերցոգների, մարկիզների, կոմսերի, եպիսկոպոսների, տիկնանց կամ ամենանշանավոր պոետների կողմից։ Ճիշտ է, եթե ես խնդրեի իմ երկու֊երեք արհեստավոր֊բարեկամներիս, նրանք իհարկե կգրեին սոնետներ և ընդ որում այնպիսիները, որ նրանց հետ չէին մրցի Իսպանիայի ամենաանվանի պոետների բանաստեղծությունները։ Մի խոսքով, սինյոր և բարեկամս, ― շարունակեցի ես, ― ես որոշել եմ, որ սինյոր դոն Կիխոտը թաղված մնա լամանչյան արխիվներում այնքան ժամանակ, մինչև երկինքը չուղարկի այն հեղինակին, որը կլրացնի նրան պակասող բոլոր պաճուճանքը, իսկ ես տաղանդի նվազության և կրթության պակասության պատճառով ինձ անընդունակ եմ համարում այդ բանն անելու․ բացի այդ, ես բնությունից անբան և ծույլ մարդ եմ և հակամետ չեմ հեղինակներ որոնել ու խնդրել նրանց, որ ասեն այն, ինչ որ ինքս հրաշալիորեն կարող եմ ասել առանց նրանց օգնության էլ։ Ահա թե ինչու դուք ինձ գտաք վարանման և խորը մտածմունքի մեջ․ այն ամենը, ինչ որ ձեզ հենց նոր պատմեցի, բավարար պատճառ են դրա համար։
Ունկնդրելով ինձ, բարեկամս ձեռքը խփեց իր ճակատին և, բարձրաձայն ծիծաղելով, ասաց․
― Աստվա՛ծ վկա, եղբայր, նոր միայն ցրվեց այն մոլորությունը, որի մեջ գտնվում էի մեր երկարատև ծանոթության ընթացքում։ Ես միշտ ձեր բոլոր արարքներում համարում էի ձեզ խելոք ու խոհական մարդ։ Բայց այժմ տեսնում եմ, որ դրանից հեռու եք, ինչպես երկինքը երկրից։ Հնարավո՞ր է միթե, որ այդքան աննշան և հեշտ ուղղելի հանգամանքները ի վիճակի լինեին վարանեցնել և փակուղու առաջ դնել ձեր հասուն միտքը, որն ընդունակ է պարտել և հաղթահարել որքա՜ն ավելի մեծ դժվարություններ։ Ազնի՛վ խոսք, դրա պատճառը ոչ թե կարողության պակասությունն է, այլ ծուլության ու մտքի ալարկոտության ավելցուկը։ Ուզո՞ւմ եք, ձեզ ապացուցեմ, որ ճշմարիտ եմ ասում։ Այդ դեպքում լսեք ինձ ուշադիր և կտեսնեք, որ մեկ ակնթարթում ես կոչնչացնեմ ձեր բոլոր դժվարությունները և կավելացնեմ բոլոր խոչընդոտները, որոնք, իսկապես դուք պնդում եք, վարանեցնում են ձեզ և զրկում համարձակությունից՝ լույս ընծայելու ձեր հռչակավոր դոն Կիխոտի՝ ողջ թափառական ասպետության այդ ջահի և հայելու պատմությունը։
― Դե պատմեցեք, ― պատասխանեցի ես, լսելով նրա խոսքերը, ― ի՞նչ ձևով եք պատրաստվում լցնել իմ սարսափի անդունդը և պարզել վարանումիս քաոսը։
Դրան ի պատասխան, նա արտասանեց․
― Ամենից առաջ ձեզ կանգնեցնում է այն, որ ձեր գրքի սկզբի համար պակասում են բարձրաստիճան և տիտղոսավոր անձանց կողմից գրված սոնետներ, էպիզոդներ և ներբողական խոսքե՞ր։ Այդ չարիքին դուք հեշտությամբ կարող եք օգնել, հանձն առնելով դրանք անձամբ գրելու դժվարությունը, իսկ հետո կմկրտեք դրանք և կպարգևեք ինչպիսի անուններ ուզենաք, վերագրելով դրանք թեկուզ Հովաննես Հնդկացի երեցին,[3] կամ Տրապիզոնի կայսեր, որոնց մասին ես գիտեմ, պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ նրանք եղել են նշանավոր բանաստեղծներ․ իսկ եթե նրանք բանաստեղծներ չեն եղել և կգտնվի որևէ պեդանտ կամ բակալավր, որ կսկսի խոցել ձեզ ետևից ու ֆշշացնել, որ դա ճիշտ չէ, ապա այդ բոլորին մի կոտրած գրոշ էլ միք տա, չէ՞ որ եթե նույնիսկ ձեզ բռնեն էլ ստախոսության մեջ, միևնույն է, չեն կտրի այն ձեռքը, որ գրել է դա։
Ինչ վերաբերում է լուսանցքներում գրքերից ու հեղինակներից կատարած մեջբերումներին, որոնցից փոխ եք առել խրատներն ու ասացվածները ձեր պատմվածքի համար, ապա ահա թե ինչ արեք․ հարմար տեղերում դրեք որևէ խրատ կամ առած, որոնք անգիր գիտեք, կամ գոնե առանց մեծ դժվարության կարող եք որոնել֊գտնել․ այսպես օրինակ, խոսելով ազատության և ստրկության մասին, մեջ բերեք․
Non bene pro toto libertas venditur auro,[4] և հենց տեղն ու տեղը լուսանցքում նշեցեք, որ դա Հորացիոսի, կամ որևէ մեկ ուրիշի խոսքերն են։ Խոսելով մահվան հզորության մասին, առանց հապավելու խազեցեք․
Pollida mors aequo pulsat pede pauperum tabernas,
Regumque turres.[5]
Եթե խոսք բացվի այն մասին, թե տերը մեզ հրամայել է սեր և բարեկամություն տածել դեպի մեր թշնամիները, անմիջապես ձեռք զարկեք Աստվածաշնչին, և այստեղ դուք կարող եք ոչ առանց փայլի մեջ բերել ոչ ավել, ոչ պակաս, քան հենց իր՝ տեր Աստծո խոսքերը․ Ego autem dico vobis: diligite inimicos vestros.[6] Եթե խոսելու լինեք վատ խորհրդածությունների մասին, մտաբերեք ավետարանը․ De corde exeunt cogitationes malae.[7] Եթե բարեկամների անհավատարմության մասին՝ ձեր ձեռքի տակ է Կատոնն իր երկտողով․
Donec eris felix, multos numerabis amicos,
Tempora si fuerint nubila, solus eris.[8]
Շնորհիվ այսպիսի և նման մեջբերումների դուք մեծ լատինագետի անուն կվաստակեք, իսկ մեր օրերում այդ կոչումը և՛ պատվավոր է, և՛ չափազանց շահավետ։
Ինչ վերաբերում է գրքի վերջում զետեղվելիք ծանոթագրություններին, ապա ամենայն հանգստությամբ կարող եք այսպես անել․ եթե ձեր պատմվածքի մեջ խոսվում է որևէ հսկայի մասին, ապա նրան Գողիաթ անվանեցեք, ― դա ձեզ ոչինչ չի արժենա, իսկ մինչդեռ ձեզ համար արդեն պատրաստ է հետևյալ կարգի մի ծանրակշիռ ծանոթագրություն․ Հսկա Գողիասը կամ Գողիաթը փղշտացի էր, որին հովիվ Դավիթը խոցեց պարսատիկից արձակած քարով Թերեբինյան հովտում, ինչպես այդ մասին պատմվում է Թագավորությանց Գրքում (և նշեք գլուխը, գտնելով այն)։
Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի[9] պատմությունը, որն անգիր գիտեմ, եթե անառակ կանանց՝ եպիսկոպոս Մոնդոնյեդցին[10] ձեզ կտրամադրի իր Լամիաներին, Լարիսաներին և Ֆլորաներին և նրան վկայակոչելը ձեզ կարժանացնի ընդհանուրի հարգանքին։ Եթե պատահի, որ խոսեք դաժան կանանց մասին՝ Օվիդիոսը ձեզ կառաջարկի իր Մեդեային․ եթե կախարդուհիների և վհկուհիների մասին՝ Հոմերոսը ձեզ կցուցի Կալիպսոյին, իսկ Վերգիլիոսը՝ Ցիրցեային․ եթե խիզախ զորավարների մասին՝ Հուլիոս Կեսարը ձեզ կառաջարկի ինքն իրեն իր Նոթերում, իսկ Պլուտարքոսը կտա ձեզ մի հզոր Ալեքսանդր։ Սիրո մասին խոսեք․ տոսկանական լեզվի հատիկաչափ գիտելիք ունենալով կգտնեք Լևոն Հրեային,[11] որը կդատարկի ձեզ համար մի լիքը չափ։ Իսկ եթե ձեզ հաճելի չէ շրջագայել օտար երկրներում, ապա ձեր տանն էլ կճարվի Ֆոնսեկայի երկը Աստվածային սիրո մասին,[12] որում ամփոփված է այն ամենը, ինչ կարող է գրված լինել այդ մասին․ ո՛չ դուք, ո՛չ ամենանուրբ գիտակը չի ցանկանա ավելին։ Եվ այսպես, աշխատեցեք միայն ձեր պատմվածքի մեջ հիշատակել այդ անուններն ու շոշափել իմ թված երկերը, իսկ դիտողություններ և ծանոթագրություններ կազմելը ես վերցնում եմ ինձ վրա և երդվում եմ ձեզ, կլցնեմ ձեր գրքի բոլոր լուսանցքները և առնվազը չորս թերթ կգրեմ նրա վերջում։
Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z,[13] ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։
Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտյելի[14] շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vօle:[15]
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Վերաբերվող գրքի մասին
Ուրգանդա անորսալին[16]
Գի՛րք իմ, եթե որոշել ես,
Ճամփա ընկնել դու նրանց մոտ,
Այնտեղ հիմարը չի ասի,
Որ մատներդ ծուռ ես դնում,
Եթե մեկը կստիպի քեզ
Հանձնվել ձեռքն հիմարների՝
Ապա նրանք իսկույն ևեթ
Կտանեն քեզ դեպի երկինք,
Մինչ այդ կարժեն եղունգները
Ու ցույց տան ողջ գիտանքն իրենց։
Փորձը սակայն ցույց է տալիս
Բարի ծառի տակ կանգնողը
Կվայելի բարի ստվեր․
Իսկ Բեհարում դու կբանաս
Ծառի արմատն արքայական,
Որի վրա արքայազներ,
Հերցոգներ են փթթում, ծաղկում ―
Համազոր մեծն Ալեքսանդրին։
Կանգնի՛ր նրա ստվերի տակ
Եղիր քաջանց հովանավոր։
Ազնվական քաջասրտին՝
Արկածները կպատմես դու,
Որ հանց ունայն ընթերցումը՝
Կշշեմցնի գանգը նրա։ ―
Ասպետները, տուրնիրները,
Տիկնայք, ― նրան այն աստիճան
Գերեցին, որ, սիրով վառված,
Որպես կատաղի Օռլանդոն՝
Նա ձեռք բերեց հզոր բազկով
Տոբոսացի Դուլսինեին։
Նշմարելի սեպագրով
Մի՛ տպագրիր խստորեն հաստ,
Ում մոտ միայն ֆիգուրներ կան,
Մաքուր ճարպով է մնում լոկ․
Ներածության մեջ ով հեզ է՝
Մարդիկ նրան չեն ասի թե
«Ի՜նչ Ալվարո դե Լունա[17] է,
Ի՜նչ Հաննիբալ է գտնվել,
Կամ ապաբախտ Ֆրանցիսկ արքա,
Որ գանգատվում է իր բախտից։[18]
Իսկ եթե երկնին հաճելի չէ,
Որ խորամանկ լինես հանց հին
Խուան Լատինոն[19] արաբը,
Լատիներենն արդ թո՛ղ հանգիստ․
Բարակ տեղն է շուտ կտրվում․
Նետիր անտիկ ցիտատները,
Այլ կերպ ցույց տուր ատամներդ․
Կռահողը՝ կը կռահի․
Մոտենալով քո ականջին
Կասի որ «դու ա՞չք ես կապում»։
Գրություններըդ դիր մի կողմ,
Մի՛ խառնվիր այլոց կյանքին․
Գիտցիր, ինչ որ շարժվում է՝
Կողքից անցիր դու անտարբեր․
Ընդունված է՝ խփել գլխին
Նրա ― ով որ երգիծում է․
Լավ է աչքերը փակես քո,
Որ հասնես մի բարի անվան․
Որովհետև ով ստում է՝
Դատապարտված է հավիտյան։
Հիշիր, որ խիստ անհեթեթ է ―
Թե ապակյա կտուրից մինն
Ուզի ձեռքով քարեր առնել
Հարևանին հարված տալու․
Մարդըս ― խելքով է ծանր ու մեծ
Երկերի մեջ իր հորինած․
Ուստի հարկ է քայլել զգույշ,
Իսկ նա, ով թուղթ է մրում՝
Ի հաճույս կին խոհարարած,
Ստանում է աղբի փրփուր։
Ամադիս Գաղղիացին[20]
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Դո՛ւ, որին բախտը նշել է խավար,
Քո նպատակից հեռու արգելված․
Դո՛ւ ապրում էիր խեղճ ու մերժված
Բոլոր խնդությանց շիրիմին ավար։
Օ՛, դո՛ւ, ում հոսուն երակն անսպառ
Խմացնում է լոք արտասուք ու լաց
Տարամերժ՝ բոլոր հմայքից անցած՝
Սնվել է հողը ― հողից անդադար։
Ապրիր համոզված, որ դարեր հետո
Կամ մինչ այդ, վերը, չորրորդ երկնքում
Ձիերն է քշում Ֆեբը ոսկեգեղմ։
Պիտի հռչակվես, մա՛րդ, դու ամեն տեղ,
Վիճակն առաջին՝ հայրենիքին քո
Դու ամենից մեծ այս լուսնի ներքո։
Դոն, Բելյանիս Հունաստանցին[21]
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Խփում էր, խորտակում ու գնում անկանգ,
Ինչպես ոչ մի պատերազմող տիեզերքում․
Ես եղա գոռ, եղա հմուտ ու համարձակ,
Ես ցրեցի ես խավարներ ահեղագույն։
Ես ցանեցի սխրությանց սերմը դարերում,
Եղա խոնարհ, հավատարիմ մի երկրպագ․
Հսկայի մեջ թվաց թզուկը ինձ տափակ,
Կռվի մեջ ես պատիվն էի լոկ գուրգուրում,
Դժբախտությունս գնում էր բախտը դեպի․
Լալով գալիս էր մազափունջս վերցըրած․
Իմ դեմ ճերմակ անդուր ճաղատը դիպվածի։
Բարձր էր բախտըս․ բարձր՝ լուսնի եղջյուրը քանց,
Բարձըր և իմ հաջողությունը նորանոր․
Նախանձում եմ քեզ, դոն Կիխոտըդ դու հզոր։
Սենյորա Օրիանան[22]
Դուլսինեա Տոբոսցուն
Սոնետ
Դուլսինե՛ա, թե հանուն ձեր հանգստյան
Կարենայի Միրաֆլորեսն[23] իմ չքնաղ
Փոխարինել Տոբոսոյով քո խաղաղ,
Իսկ Լոնդոնը՝ պարզ անդորրով գեղջկական,
Եթե հանկարծ ես քո հոգո՜վ օժտվեի
Եվ քո մարմնով նրբանազ ու անաղարտ
Ու տեսնեի հիդալգոյին այն կախարդ,
Որ տարված էր կռիվներով ամեհի,
Թե պատիվս Ամադիսից փրկեի
Ինչպես որ դու դոն Կիխոտից փրկեցիր,
Որի սրտում լրբության բիծ էլ չկա,
Այնժամ նախանձն իմ հոգում բույն չէր դնի,
Արցունքի տեղ կսիրեի խինդն անծիր,
Որն ինձ այցի առանց փողի կգար։[24]
Գանդալինը՝ Ամադիս Գաղղիացու զինակիրը
Սանչո Պանսային՝ դոն Կիխոտի զինակրին
Սոնետ
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, ա՛յր փառապանծ, քեզ որին
Բախտը եղավ զորավիգ ու հովանի,
Տվեց կոչում ընտրյալներին արժանի,
Եվ դու դարձար մշտայցելուն բոլորի։
Ապացուցվեց, որ մանգաղը, մուրճն ու թին
Չեն վնասում վեհ արվեստին։
Ապավինած ազնիվ ուժին պարզության,
Դիմակազերծ կանեմ գոռոզ հարստին։
Ընտի՜ր անուն, բարեբարո՜, հե՜զ իշուկ,
Ընտի՜ր պարկեր, որ դու լցրիր լիուլի,
Կանխազգալով փորձություններն ահալի․․․
Ողջո՜ւյն կրկին, Սա՛նչո, ո՜վ այր փառաշուք,
Մեր Օվիդիոսն իսպանացի քեզ է լոկ
Իր հարգանքը բուսկորոնով[25] մատուցում։
Դոնոսոն՝[26] խելացնոր ոճի բանաստեղծը,
Սանչո Պանսային, և Ռոսինանտին
Սանչո Պանսային
Սանչոն եմ ես՝ զինակիրը
Դոն Կիխոտի, իմ պարոնի։
Ես ճամփաներ անցա փոշոտ․
Որ տանն ապրեմ վայելքի մեջ։
Վիլյադյեգոն[27] նույնը արեց․
Տեսավ խորհուրդն իմաստության
Թափառման մեջ բարեպատեհ,
Ինչպես որ մեզ խրատում է,
Ուսուցանում «Սելեստինան»[28]
Որին ամենքը ուղղակի
Կկոչեին աստվածային,
Եթե այդքան մերկ չլիներ։
Ռոսինանտին
Ռոսինանտն եմ հռչակավոր,
Ծոռն անվանի Բաբիեկայի,[29]
Նիհար մարմնիս համար՝ խոնարհ
Ծառան դարձա դոն Կիխոտի։
Չկա նժույգ վատ ինձանից,
Սակայն ի՞նչ փույթ, երբ վարսակը
Չի պրծնի իմ ատամներից։
Լասարիլիոն ինքն էլ տեսավ,
Ինչպես էի ես հաճույքով
Խմում ծեղով գինին կույրի։[30]
Կատաղի Օռլանդը[31]
Դոն Կիխոտ Լամանչեսկուն
Սոնետ
Պեր չես թեև, անզուգական ես սակայն,
Հարյուր պերից լոկ դո՜ւ ես պերն արժանի,
Որտեղ դու ես, ուրիշն այնտեղ տեղ չունի,
Անպարտ ես դու՝ հարվածիդ պես խոլական։
Ո՜վ դոն Կիխոտ, Ռոլանդն եմ ես, ում սրտում
Անջելիկան վառեց սիրո հուր անմար,
Նրա սիրով ես անցա ծովը անծայր,
Կռվի ելա՝ նրա պատկերն իմ հոգում։
Դափնեպսակդ չեմ խլի քեզնից,
(Պսակն ազնիվ քաջությամբ են վաստակում),
Թեև դու էլ խելքից զրկված ես ինձ պես,
Բայց հավասար ես ինձ, որի հարվածից
Ընկան մավրը և սկյութը արնախում։
Սերն հաղթության հավասար է դարձնում մեզ։
Ֆեբոսի ասպետը
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Սրիս վրա սուրդ ստվեր է գցում,
Իսպանական Ֆեբոս, ասպե՛տ պայազատ,
Ինչպե՞ս հասնի բազկիդ բազուկն իմ նվաստ,
Բազուկդ շո՜ղ է արնի քո երկրում։
Կայսրություններ ես ատում եմ չափազանց։
Թեև ընծան արևելքի ճոխ է միշտ,
Սակայն ինչպե՞ս գամվեմ մահճիս ես հանգիստ,
Երբ կանչում է Կլարիդյանան[32] իմ սիրած։
Հանց հրաշքի, երկրպագում եմ նրան․
Բաժանումից սիրտս այնպես հրդեհվեց,
Որ սարսափից դժոխքն հիմքից սասանվեց։
Դոն Կիխոտն էլ փառաբանվեց հավիտյան․
Դուլսինեան անմահացրեց ասպետին,
Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։
Սոլիսդանը[33]
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Ո՜վ դոն Կիխոտ, իր ետևում խելքը ձեր
Անմտության մի ամբողջ պարս է թողել,
Բայց ձեզ ոչ ոք ստոր մարդ չի համարել
Բիրտ ու անտաշ չի հորջորջել ոչ ոք դեռ։
Ձեր սխրանքը դատաստան է ձեզ համար։
Նա՛ է միայն փառաբանվում աշխարհում,
Ով իր պարտքն է չարի բաժին համարում,
Չսոսկալով փորձանքներից անհամար։
Եվ եթե նա՝ Դուլսինեան ձեր սիրած
Խստասիրտ է ու ձեր հանդեպ անիրավ,
Եվ թե իր դեմ չեք մեղանչել դուք բնավ,
Սփոփվեցե՛ք, վանեցե՛ք ձեր վիշտն անանց․
Դուլսինեան քարասիրտ է, Սանչոն չար․
Իսկ դուք․․․ խորհեք, որ չեք եղել սիրահար․․․
Դիալոգ Բաբիեկայի
Եվ Ռոսինանտի միջև
Սոնետ
Բ․ Ի՞նչ հալի եք, մեծապատիվ Ռոսինանտ։
Ռ․ Է՜հ, մի՛ք հարցնի․ գործս չունի վերջ ու ծայր։
Բ․ Իսկ խոտի չափն համարո՞ւմ եք բավարար։
Ռ․ Մի խտիտ էլ չեմ ստանում․․․ քի՜չ է շատ։
Բ․ Բա՛վ է, սինյո՛ր, դուք անցնում եք չափն արդեն,
Էշի պես եք սյուզերենին կշտամբում։
Ռ․ Ի՛նքն է էշը, թեկուզև ինձ է թամբում․
Խնդրեմ, հիացե՛ք, սիրո երդում է տվել։
Բ․ Ի՞նչ, սերն հիմա՞ր բան է։ Ռ․ Շատ էլ Խելոք չի։
Բ․ Փիլիսոփա՜ գլխիս դարձաք։ Ռ․ Հա՜, քաղցի՜ց։
Բ․ Դուք Սանչոյին բողոքեցեք։ Ռ․ Ի՞նչ օգուտ։
Աղերսը ո՞ւմ պիտի ուղղել ― արարչին։
Իսկ այն ո՞վ է, որ ծառայի հետ իր բութ
Չի տարբերվում Ռոսինանտ նժույգից։
Մասն առաջին
Գլուխ I
Ուր պատմվում է հռչակավոր հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցու բնույթի և սովորույթների մասին
Լամանչի մի գյուղում, որի անունը չեմ ուզում հիշատակած լինել, շատ ժամանակ չի անցել, ինչ ապրում էր մի հիդալգո, այն հիդալգոներից, որ ունենում են տոհմական նիզակ, հնադարյան վահան, քնձռոտ ձի և վազկան շուն։ Ճաշին՝ օլյա,[34] որի մեջ շատ ավելի տավարի միս է լինում, քան ոչխարի, ընթրիքին՝ գրեթե միշտ վինեգրետ, շաբաթ օրերը՝ ճարպի հետ պատրաստած ձվածեղ, ուրբաթ օրերը՝ ոսպ, կիրակիները, որպես հավելյալ տեսակ՝ աղավնի, ― և այս ամենը կլանում էր նրա եկամուտի երեք քառորդը։ Մնացածը ծախսվում էր տոն օրերի համար լավ մահուդից կապա, թավշյա վարտիք և նույն կտորից հողաթափ ձեռք բերելու համար։ Շաբաթվա մնացյալ օրերին նա տնայնագործ նուրբ մահուդից զգեստ էր հագնում։ Նրա տանը տնտեսուհի էր կենում, որ քառասունն անց էր, քրոջ աղջիկը, որ քսանին մոտ էր և մի ծառա՝ առտնին ու դաշտային աշխատանքի համար, որի պաշտոնի մեջ մտնում էր՝ թամքել հալիծ ընկած ձին և պարտեզում մկրատ բանեցնել։ Մեր հիդալգոն մոտ հիսուն տարեկան կլիներ, ամուր կազմվածքով, վտիտ մարմնով և նիհար դեմքով՝ նա մոլի որսորդ էր և սիրում էր վաղ վեր կենալ։ Հավատացնում են, թե նրա մականունը Կիխադա կամ Կեսադա է եղել (այս խնդրում նրա մասին գրող հեղինակների միջև որոշ տարաձայնություն կա), սակայն ամենահավանական դատողությունների հիման վրա կարելի ենթադրել, որ նա կոչվելիս է եղել Կեխանա։ Ասենք, մեր վեպի համար դա մեծ նշանակություն չունի․ բավական է, որ մենք մեր պատմությունն անելիս մազաչափ չշեղվենք ճշմարտությունից։
Այն էլ պետք է ասել, որ վերոհիշյալ հիդալգոն իր բոլոր ազատ ժամերը (ասել է թե՝ գրեթե ողջ տարին) նվիրելիս էր լինում ասպետական վեպերի ընթերցանության և անձնատուր էր եղել այդ զբաղմունքին այնպիսի ճաշակով ու հաճույքով, որ գրեթե աչքաթող էր արել որսի գնալն ու տնտեսությունը կառավարելը։ Նրա հետաքրքրությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ նա մի քանի օրավար վարելահող էր վաճառել, որպեսզի ընթերցանության համար ասպետական գրքեր գնի, այնպես որ նա տանն ուներ բոլոր վեպերը, որ կարողացել էր գտնել։ Ամենից շատ նա հռչակավոր Ֆելիսիանո դե Սիլվայի հեղինակություններն էր հավանում, որովհետև հիանում էր նրա արձակի փայլից, իսկ նրա խրթին ու մթին դատողությունները մեր հիդալգոյին կատարելություն էին թվում։ Առանձնապես սիրում էր նա կարդալ սիրային նամակներ և մենամարտության կանչելու մասին, որոնց մեջ հաճախ հետևյալ տեղերն էին լինում՝ «Իրավացիությունը, որով դուք այնքան անիրավացի եք իմ իրավունքների նկատմամբ, իմ իրավացիությունն այն աստիճան իրավազուրկ են դարձնում, որ ես ոչ առանց իրավունքի գանգատվում եմ ձեր գեղեցկությունից»։ Պատահել է նրան կարդալ ևս՝ «․․․բարձր երկնակամարը, որ իր աստղերով աստվածայնաբար ամրացնում է ձեր աստվածանմանությունը և արժանացնում է ձեզ արժանիքի, որ արժանի է ձեր մեծությանը․․․»։ Կարդալով այսպիսի նախադասություններ և ճգնելով բաց անել ու հասկանալ նրանց իմաստը՝ մեր խեղճ կաբալյերոն բոլորովին կորցնում էր բանականությունը և անքուն գիշերներ էր անց կացնում, մինչդեռ եթե անգամ ինքը Արիստոտելը դիտմամբ դրա համար հարություն առնելու լիներ, նա էլ բան չէր բաց անի և բան չէր հասկանա։ Դյուրին չէր նրա համար հավատ ընծայել, որ դոն Բելյանիսը բյուրավոր վերքեր է հասցրել ու առել, որովհետև նրան թվում էր, թե ինչքան էլ նրան բուժող բժիշկները ճարտար լինեին, դարձյալ այդ ասպետի դեմքն էլ, մարմինն էլ պետք է ծածկված լինեին սպիներով։ Այնուհանդերձ նա մեծապես գովաբանում էր հեղինակին նրա համար, որ նա գիրքը ավարտում է խոստումով շարունակելու այն անվերջ պատմությունը և հաճախ նրա մեջ ցանկություն էր ծագում վերցնելու գրիչն ու ավարտելու մինչև վերջին բառը, ինչպես խոստացված էր և նա, անշուշտ, կաներ էլ, հաջողությամբ էլ կաներ, եթե նրան չխանգարեին ուրիշ, առավել կարևոր և համառ մտահղացումներ։ Հաճախակի մեր կաբալյերոն վեճ էր ունենում տեղական քահանայի հետ (ուսումնական մի մարդու հետ, որ Սիգուենցայում արժանացել էր աստիճանի)[35] այն մասին, թե ո՞վ է եղել ավելի լավ ասպետ՝ Պալմերին Անգլիացի՞ն, թե Ամադիս Գաղղիացին, սակայն գյուղի դալլաքը՝ վարպետ Նիկոլասը, պնդում էր, որ նրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել ասպետ Ֆեբոսի հետ և թե մեկն ու մեկին կարելի լիներ նրա կողքին դնել, ապա սոսկ դոն Գալաորին, Ամադիս Գաղղիացու եղբորը, որովհետև նա կարող էր ամեն ինչ տանել և այնքան էլ փափկասուն ու լալկան չէր, ինչպես իր եղբայրը, իսկ քաջությամբ նրանից պակաս չէր։
Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։ Նա համաձայնում էր, որ Սիդ Ռուի Դիասը անտարակույս ականավոր ասպետ է եղել, բայց ավելացնում էր, որ նա ո՜ւր, բոցավառ թրի ասպետն ո՜ւր, որը մեկ հարվածով կտրեց֊կիսեց երկու հզոր, հրեշավոր հսկաների։ Նա ավելի էր գնահատում Բեռնարդ դե Կարպիոյին, որովհետև վերջինս Ռոնսևալի կիրճում սպանեց կախարդված Ռոլանդին՝ օգտվելով Հերկուլեսի խորամանկությունից, որ իր գրկում խեղդեց Երկրի որդուն՝ Անթեյին։ Մեծ գովասանքով էր խոսում նա հսկա Մորգանթի մասին, որը, թեպետ հսկաների ցեղից էր ― գոռոզ և հանդուգն էակներից ― այնուամենայնիվ իրեն սիրալիր և կիրթ պահեց։ Սակայն ոչ ոքի նա այնքան հավանություն չէր տալիս, որքան Ռեյլանդո Մոնտալբանացուն։ Նրան առանձնապես դուր էր գալիս, որ սա, դուրս գալով իր դղյակից, կողոպտում էր անցորդներին, որ նրա ձեռքն էին ընկնում, կամ անդրծովյան երկրից հափշտակում էր Մոհամմեդի բագինը, որ ըստ պատմության, զուտ ոսկուց է։ Իսկ դավաճան Գանելոնին մի լավ ծեծ կերցնելու իրավունքի համար նա սիրով կտար իր տնտեսուհուն, վրան էլ՝ քրոջ աղջկան։ Վերջապես միանգամայն ցնդելով, նա այնպիսի տարօրինակ միտք հղացավ, որ դեռևս երբեք աշխարհիս ոչ մի խելագարի գլխում չէր ծագել, այսինքն՝ թե վայել է, նույնիսկ անհրաժեշտ, որ նույնքան իր սեփական փառքի, որքան և հայրենի երկրի շահի համար թափառական ասպետ դառնա, սպառազինվի, ձի հեծնի և գնա աշխարհիս երեսին արկածներ որոնելու, մի խոսքով անելու այն ամենը, որ վեպերում սովորաբար անում են թափառական ասպետները՝ վերականգնի ոտնակոխ ճշմարտությունը, ենթարկվի զանազան պատահականությունների և վտանգների, որ այդպիսով անմահացնի ու փառաբանի իր անունը։ Խեղճը երևակայում էր, թե ի պարգև իր խիզախ գործերի, արդեն օծված է առնվազն Տրապիզոնի թագավորության թագով։ Այս ուրախ անուրջների մեջ սուզված և տարվելով անսովոր վայելքից, որ բերում էին այդ անուրջները, նա աճապարեց իր մտադրությունը գործադրության մեջ դնելու։ Նախ և առաջ նա մաքրեց զենք ու զրահը, որ պատկանելիս է եղել իր նախնիներին և դարերով ընկած լինելով ինչ֊որ անկյունում երեսն ի վայր, ժանգոտել ու բորբոսնել էր։ Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց և նորոգեց, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսկալի էր։ Սակայն այստեղ նրան օգնության հասավ հնարագիտությունը․ նա ստվարաթղթից երեսկալ շինեց ու կպցրեց և դուրս եկավ փակ սաղավարտի պես մի բան։ Չենք ծածկի, որ մեր հիդալգոն ցանկացավ փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է նա արդյոք դիմանալ մարտում․ այդ նպատակով նա դուրս քաշեց թուրը, երկու հարված հասցրեց և մեկ րոպեում առաջին իսկ հարվածով ոչնչացրեց ամբողջ շաբաթվա աշխատանքը։ Նրան դուր չեկավ, որ սաղավարտը հեշտությամբ կտոր֊կտոր եղավ և նման վտանգից իրեն ապահովելու համար նա նորից շինեց, մեջը երկաթե կտորներ դնելով, այնպես որ վերջ ի վերջո գոհ մնաց ամրությունից և ավելորդ համարելով այլևս փորձելը, հավանություն տվեց իր գործին և ինքն իրեն համոզեց, որ դա իսկական սաղավարտ է, նուրբ գործած, երեսկալով։
Ապա նա քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, և թեև նա ավելի հիվանդություն ուներ, քան ռեալը՝ կուարտո[36] և ավելի արատ, քան Գոնելլի[37] ձին, որ tantum pellis et ossa fuit,[38] այնուհանդերձ նա համոզված էր, որ իր ձիուն ոչ Ալեքսանդրի Բուցեֆալոն կհասնի, ոչ էլ Սիդի Բաբյեկան։ Չորս օր նա մտմտում էր, թե ինչ անուն տա նրան, որովհետև խորհում էր նա ինքն իրեն, անարդարացի կլինի, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի ― երևելի անուն չունենա։ Ուստի նա կամեցավ նրան այնպիսի անուն տալ, որ հենց անունից հասկացվեր, թե ինչ է եղել նա նախքան թափառական ասպետի ձին դառնալը և ինչ է դառել ապա։ Նա խորապես համոզված էր, որ եթե տերը փոխում է իր արհեստը, ուրեմն ձին էլ պիտի փոխի իր անունը և նոր, փառավոր, հնչալուր անուն ստանա, որ համապատասպանի իր տիրոջ նոր աստիճանին ու դիրքին։ Երկար նա զանազան անուններ էր հնարում, խոտանում, դեն գցում, դարձյալ հնարում, մերժում և նորից լարում էր հիշողությունն ու երևակայությունը, մինչև որ կանգ առավ Ռոսինանտ անվան վրա, որ նրան թվաց վեհ, հնչեղ և արտահայտիչ։ Այդ անունը ցույց էր տալիս, որ առաջ նրա ձին հասարակ քնձռոտ մի ձի է եղել, իսկ հիմա աշխարհիս առաջին ձին է դառել և բոլորի առաջը տվել է։[39]
Ձիուն այսքան հաջող անուն տալուց հետո նա վճռեց, որ հիմա պետք է իրեն համար անուն հորինի։ Այս մտմտուքի մեջ մի շաբաթ անց կացավ, սակայն վերջապես նա գտավ՝ դոն Կիխոտ։ Ահա թե ինչու այս ճշմարտապատում պատմության հեղինակները, ինչպես արդեն ասված էր, համարում են, որ մեր հիդալգոյի անունը, անտարակույս, Կիխադա և ոչ թե Կիսադա է եղել, ինչպես պնդում են ոմանք։ Սակայն մտաբերելով, որ արի Ամադիսը իրեն համար բավական չհամարեց պարզապես Ամադիս կոչվելը, այլ այդ անվանը կցեց իր հայրենիքի և թագավորության անունը, որպեսզի նրանց փառաբանած լինի և կոչվեց Ամադիս Գաղղիացի, մեր բարի կաբալյերոն էլ որոշեց իր անվանը կցել իր ծննդավայրի անունը և կոչվել դոն Կիխոտ Լամանչեցի։ Այսպիսով ամենքի համար պարզ էր դառնում, թե նա ինչ ազգուտակից է, որով պատիվ էր անում իր հայրենիքին, նրա անունը ― իր մականունը դարձնելով։
Եվ ահա, երբ զենքը մաքրված էր, սաղավարտը՝ պատրաստ, ձին նոր անուն էր ստացել և ինքն էլ փոխել ու վավերացրել էր իր անունը, մնում էր գտնել մի տիկին, որին կարելի լիներ սիրահարվել, որովհետև հայտնի է, որ թափառական ասպետն առանց սիրո նման է ծառի՝ առանց տերևի և պտղի կամ մարմնի՝ առանց հոգու։ Նա ասում էր ինքն իրեն՝ եթե որպես պատիժ իմ մեղքերի համար կամ ավելի ճիշտ՝ երջանիկ բախտի բերմամբ ես հանդիպելու լինեմ հսկայի (ինչպես միշտ պատահում է թափառական ասպետներին) և առաջին իսկ ճակատամարտում նրան տապալելու լինեմ կամ երկու կես անեմ կամ վերջապես հաղթեմ և հարկադրեմ խնդրելու, որ խնայեմ իր կյանքը ― հիանալի չի՞ լինի արդյոք նման դեպքերում ունենալ մի տիկին, որին կարելի լիներ հսկային նվեր ուղարկել, որպեսզի նա ներս մտնի իր անուշ իշխանուհու մոտ, ծունկ չոքի և հեզ ու խոնարհ ասի՝ «Ես Կարակուլիամբրո հսկան եմ Մալինդրանիա կղզու արքան․ ինձ մենամարտության մեջ հաղթեց դոն Կիխոտ Լամանչեցի ասպետը, որի սխրագործությունները ամեն գովասանքից գերազանց են։ Նա հրամայեց, որ ներկայանամ ձերդ ողորմածությանը, որպեսզի ձերդ մեծությունը տնօրինի ըստ իր հայեցողության իմ բախտը»։ Ա՜խ, ինչ ցնծությամբ էր մեր բարի ասպետն արտասանում այս ճառը և առավել ևս ցնծաց նա, երբ որ վերջապես գտավ, թե ով պիտի լինի իր սրտի տիրուհին։ Պատմում են, թե հարևան գյուղում ապրելիս է եղել մի շատ սիրունատես ջահել գեղջկուհի, որին նա մի ժամանակ սիրահարված է եղել, թեև գեղջկուհին, լուրերի համեմատ, գլխի չի ընկնելիս եղել և նրա վրա ոչ մի ուշադրություն էլ դարձնելիս չի եղել։ Նրա անունը Ալդոնցա Լորենցո է եղել։ Սրան էլ մեր ասպետը, վճռեց տալ իր սրտի տիրուհու տիտղոսը։ Որոնելով նրա համար նոր անուն, որ նրա սեփական անունից շատ էլ չտարբերվեր և միաժամանակ հիշեցներ որևէ դշխուհու կամ ազնվական սինյորուհու անունը, նա վճռեց անվանել Դուլսինեա Տոբոսցի, որովհետև նրա ծննդավայրը՝ Տոբոսն էր։ Այդ անունը, նրա հայացքով, հնչալուր, նրբին և ոչ պակաս արտահայտիչ էր, քան այլ անունները, որ նա արդեն իսկ հնարել էր։
Գլուխ II
Ուր պատմվում է հնարամիտ դոն Կիխոտի առաջին արշավի մասին իր կալվածներից դուրս
Երբ որ այդ նախապատրաստություններն ավարտված էին, դոն Կիխոտը վճռեց անմիջապես ձեռնամուխ լինել իր մտահղացումների կատարմանը։ Նրան խթանում էր այն միտքը, թե ամեն մի հապաղում իր կողմից մարդկությանը վնաս է հասցնում՝ քանի՜֊քանի՜ վիրավորվածներ սպասում են վրեժխնդրության, քանի՜֊քանի՜ անարդարություն պետք է որ ուղղվի, քանի՜֊քանի՜ իրավունք՝ վերականգնվի, չարաշահություն՝ ոչնչացվի, պարտք՝ հատուցվի։ Եվ ահա, առանց մեկնումեկին իր մտադրություններին հաղորդակից անելու, մի գեղեցիկ առավոտ, լուսաբացից առաջ (հուլիսի ամենաշոգ օրերից մեկն էր), նա ամենքից գաղտնի զինվեց իր զենք ու զրահով, հեծավ իր Ռոսինանտը, գլխին դրեց իր խղճուկ սաղավարտը, ձեռն առավ վահանը, նիզակը և անասունների բակի հետին դռնից դուրս եկավ դաշտ ուրա՜խ֊զվա՜րթ, որ այդքան հեշտ կարողացավ ձեռնամուխ լինել այնքան փառավոր գործի։ Սակայն բաց դաշտ ելավ թե չէ, գլխիցը այնպիսի սարսափելի միտք անցավ, որ քիչ էր մնացել թողներ ձեռնարկված գործը․ նրա միտքն ընկավ, որ նա դեռևս ասպետ չի կարգվել և որ ասպետական կանոններով նա չի կարող, չպիտի հանդգնի որևէ ասպետի հետ կռվի բռնվի։ Իսկ եթե անգամ կարգված էլ լիներ, պետք է որ նա ճերմակ զրահ կրեր, իբրև նորընծա, և իր վահանի վրա նշան չպիտի նկարեր՝ մինչև որ իր առաքինությամբ արժանանար նրան կրելուն։ Այս խորհրդատություններից քիչ էր մնում, որ նրա վճռականությունը թուլանար։ Բայց խելագարությունը հաղթահարեց բոլոր փաստարկումները, և նա որոշեց, որ առաջին իսկ ճամփին դեմ եկած մարդը իրեն ասպետ կկարգի․ ասպետներից շատերը այլ կերպ չեն վարվել․ եթե հավատալու լինենք վեպերին, որ նրան այդ օրն էին գցել։ Գալով ճերմակ զրահներին, նա ինքն իրեն խոսք տվեց առաջին իսկ պատեհ առիթով այնպես մաքրի իր զրահները, որ սամույրից էլ ճերմակ երևան։ Այս մտքից նա հանգստացավ և շարունակեց իր ուղին՝ միանգամայն անձնատուր լինելով իր ձիու կամքին․ նրա կարծիքով, արկածների էությունն էլ հենց այդ է եղել։
Համրաքայլ առաջ էր ընթանում մեր նորաթուխ արկածախնդիրը և ինքն իր հետ խոսում․
― Ո՞վ կարող է կասկածել, որ հեռավոր ապագայում, երբ իմ հռչակավոր գործերի ճշմարտապատում պատմությունը լույս տեսնի, իմ իմաստուն պատմաբանը, հասցնելով զրույցը մինչև իմ առաջին արշավը, որ այնքան վաղ ժամին տեղի ունեցավ, անշուշտ այսպես կսկսի՝ «Հազիվ էր խարտյաշ Թեբը լայն ու արձակ երկրի երեսին սփռել իր փարթամ գանգուրների ոսկի թևերը, հազիվ էին երփներանգ թռչնիկները իրենց հնչալուր ձայների անուշ և քնքուշ ներդաշնակությամբ ողջունել շառագույն Ավրորայի երևան գալը, որ թողել էր իր խանդոտ ամուսնու փափուկ առագաստը և Լամանչի երկնակամարի դարպասների և պատշգամբների բարձրունքից հայացք գցել մահկանացուների վրա, որ հռչակավոր ասպետ դոն Կիխոտ Լամանչեցին, լքելով ընդարմացուցիչ մահիճը, թռավ իր երևելի ձի Ռոսինանտի վրա և բռնեց հնադարյան ու հռչակավոր Մոնտիելի դաշտի ուղին» (հենց այդ ճանապարհով էլ նա, իրոք, այդ վայրկյանին գնում էր)։
Ապա նա ավելացրեց․
― Երջանիկ կլինի այն ժամանակը և երջանիկ այն դարը, երբ որ վերջապես լույս կտեսնեն իմ փառավոր գործերը, որ արժանի են բրոնզից ձուլված, մարմարից քանդակված և կտավի վրա նկարված լինելու՝ ի հիշատակ գալիք սերունդների։ Ով էլ որ լինես դո՛ւ, իմաստուն կախարդ, որին վիճակված է իմ հրաշալի գործերի ժամանակագիրը լինելու, խնդրում եմ քեզնից՝ չմոռանա՛ս իմ բարի Ռոստինանտին, իմ մշտնջենական ուղեկցին բոլոր ուղիներում և ճամփաներում։
Ապա նա սկսեց խոսել այնպես, կարծես թե իրոք սիրահարված էր․
― Օ՜, դշխո Դուլսինեա, իմ գերված սրտի տիրուհի, դառը վիրավորանք հասցրիք դուք ինձ, որ դուրս արիք և դաժան անհողդողդությամբ հրամայեցիք ձեր գեղեցկության աչքին չերևալ։ Հաճեցեք, տիրուհի, մտաբերելու ձեր հլու սրտին, որ ձեր սիրո համար այսպիսի տանջանք է կրում։
Եվ նա շարունակում էր շարել անհեթեթությունները իրար ետևից, ճիշտ այնպես, ինչպես ուսել էր ասպետական վեպերից, աշխատելով ըստ կարելվույն նմանվել նրանց լեզվին։ Եվ ինքն իրեն շարունակ խոսելով՝ նա գնում էր դանդաղ֊դանդաղ, և արևն արդեն բարձրացել և այնքան կիզիչ ճառագայթներ էր արձակել, որ եթե նրա գլխում փոքր֊ինչ ուղեղ մնացած լիներ ― այն էլ կհալվեր։ Այդպես գնաց նա գրեթե ողջ օրը առանց հանդիպելու մի բանի, որի մասին արժենար պատմել։ Նա հուսահատվում էր, որովհետև կամենում էր որքան կարելի է շուտ մեկն ու մեկին հանդիպել և փորձել իր հզոր բազկի ուժը։ Հեղինակներից ոմանք ասում են, որ Լապիսի կիրճի դեպքը նրա առաջին արկածն է եղել, իսկ ոմանք պնդում են, որ առաջին արկածը ― քամաղացների հետ է եղել։ Սակայն ինձ, այդ առիթով, աջողել է ստուգապես տեղեկանալ և Լամանչի ժամանակագրություններում գտնել հետևյալը։ Մեր ասպետը ողջ այդ օրը գնալիս է եղել և իրիկնադեմին ինքն էլ, իր ձին էլ ուժասպառվել և սովամահ էին լինում։ Ապա թե նա սկսեց դես ու դեն նայել, որևէ դղյակ կամ հովվի տաղավար գտնելու հույսով, որպեսզի հանգիստ առներ ու կազդուրվեր ― և հանկարծ, ճամփից ոչ հեռու, նա մի պանդոկ տեսավ։ Նա ուրախացավ, կարծես թե ուղեցույց աստղ գտած լիներ, որ նրան ցույց էր տալիս եթե ոչ պալատ, այնուհանդերձ՝ փրկության դուռ։ Նա քշեց ձին և մոտեցավ պանդոկին այն վայրկյանին, երբ մութն արդեն ընկնելու վրա էր։
Այդ միջոցին պատահաբար դարպասի մոտ երկու երիտասարդ կին կար կանգնած, այն կանանցից, որ թեթև վարքի տիկիններ են կոչվում։ Նրանք մի քանի ջորեպանների հետ ուղևորվում էին Սևիլիա և վեր էին եկել, որ գիշերն այս պանդոկում անցկացնեն։ Իսկ որովհետև մեր արկածախնդրի աչքում ա՛յն ամենը, որ նա խորհում, տեսնում ու երևակայում էր ― ներկայանում էր իրական և իր կարդացած վեպերի ոգով ու ձևով ստեղծված, ապա պանդոկը տեսնելուն պես նա իսկույն վճռեց, թե սա դղյակ է չորս աշտարակով, փայլուն արծաթից կապած կտուրով, շարժական կամուրջով և խոր խրամատով, մի խոսքով՝ այն բոլոր պարագաներով, որ հիշատակվում են դղյակների նկարագրություններում։ Նա մոտեցավ պանդոկին (որ նրան դղյակ էր թվում) և դարպասից մի քանի քայլ հեռու, սանձը քաշելով, պահեց Ռոսինանտին, որովհետև սպասում էր, որ աշտարակի ատամների արանքում որևէ թզուկ կերևա և փող կփչի, ազդարարելով, որ դղյակը ասպետ է եկել։ Սակայն, որովհետև թզուկը հապաղում էր, իսկ Ռոսինանտը՝ շտպում, որ գոմ հասնի, ապա դոն Կիխոտը մոտեցավ դարպասին և հասավ այնտեղ կանգնած թեթև վարքի տեր աղջիկներին, որոնք նրան թվացին գեղանի աղջիկներ կամ չնաշխարհիկ տիկիններ՝ դուրս եկած դղյակի առջև զբոսանքի։ Եվ պատահեց, որ այդ իսկ վայրկյանին ինչ֊որ խոզապան, արտերից խոզերի բոլուկը քշելուց (ընթերցողը թող ների, որ ես նրանց իրենց անունով եմ կոչում) փող փչեց, որ նրանց մեկ տեղ հավաքի, և դոն Կիխոտը իսկույն երևակայեց, ինչ որ նա սաստիկ ուզում էր, այսինքն՝ թե դա թզուկն է իր գալուստը ազդարարում։ Ուստի նա մեծ գոհունակությամբ մոտեցավ տիկիններին, որոնք էլ տեսնելով, որ ինչ֊որ ձիավար տարօրինակ զինված, նիզակ ու վահանով մոտենում է իրենց, վախեցան և ուզում էին ներս վազեն։ Սակայն դոն Կիխոտը, կռահելով, որ նրանք երկյուղից են փախչում, բարձրացրեց ստվարաթղթե սաղավարտը և ցույց տալով իր նիհար ու փոշոտ դեմքը, քաղցր քաղաքավարությամբ ու մեղմ ձայնով ասաց նրանց․
― Մի՛ փախեք ինձնից, տիկիններ և մի՛ք վախենա, որ ես որևէ բանով կվիրավորեմ ձեզ, որովհետև ասպետական միաբանությանը, որին ես պատկանում եմ, թույլ չի տրվում վիրավորել որևէ մեկին, առավել ևս այդքան նշանավոր ― ինչպես կարելի է հետևեցնել ձեր տեսքից ― օրիորդներին։
Կանայք աչքերը տնկեցին նրա վրա, աշխատելով լավ տեսնել նրա դեմքը, որ կիսով չափ ծածկված էր անպետք սաղավարտով։ Իսկ երբ նրանք լսեցին, որ անծանոթն իրենց օրիորդ անունով է մեծարում, մի տիտղոս, որ այնքան քիչ էր սազում իրենց արհեստին, նրանք չկարողացան իրենց ծիծաղը պահել։ Նրանց զվարթությունը բարկացրեց դոն Կիխոտին և նա ասաց․
― Գեղուհիներին վայել է խելամիտ լինել և ընդհանրապես միայն հիմարներն են իզուր ծիծաղում։ Թող ասածս կշտամբանք և վիրավորանք չլինի, որովհետև իմ միակ ցանկությունն է ծառայել ձեզ։
Այս լեզուն, որի նմանը երկու կանայք դեռևս չէին լսել, համ էլ մեր ասպետի խղճուկ արտաքինը կրկնապատկեցին նրանց ծիծաղն ու դոն Կիխոտի բարկությունը և անհայտ է, թե ինչով կվերջանար այս ամենը, եթե այդ վայրկյանին երևան չգար պանդոկապանը՝ մի շատ գեր և ուստի շատ խաղաղասեր մարդ։ Տեսնելով իր առջև այդ անճոռնի կերպարանքը, զինված այդքան պես֊պես առարկաներով,[40] ինչպես՝ թեթև վահան, նիզակ, զրահ և ծանր սարքը, նա մեկ կամեցավ միանալ երկու աղջիկներին իր հիացման արտահայտությամբ, սակայն վախենալով ռազմական զենք ու զրահի այդ կույտից, նա վճռեց քաղաքավարի խոսել և այսպես սկսեց․
― Եթե ձերդ ողորմածությունը, սինյոր ասպետ, հաճի այստեղ իջևանել, դուք այստեղ ամեն բան առատորեն կգտնեք բացի մահճակալից․ մեր հյուրանոցում ոչ մի մահճակալ չկա։
Դոն Կիխոտը, լսելով, թե ինչ ակնածությամբ է խոսում հետը ամրոցի պարետը (որովհետև նա պանդոկի տիրոջը, բնականաբար, պարետի տեղ էր դրել, իսկ պանդոկը՝ ամրոցի) պատասխանեց․
― Ինչ էլ ինձ առաջարկելու լինեք, սինյոր ամրոցատեր,[41] ես ամեն բանից գոհ կմնամ, որովհետև ինչպես ասվում է՝
Իմ զգեստը զենք ու զրահն է միայն,
Իմ հանգիստը ճակատամարտն է դաժան։[42]
Պանդոկապետը կարծեց, թե դոն Կիխոտը նրան ամրոցատեր անվանեց, ազնիվ կաստիլիացու տեղ ընդունելով (մինչդեռ իրոք նա անդալուզցի էր, Սանլո՛ւկարի ծովափից[43] և գողունակության կողմից կարող էր մրցել Կակի հետ, իսկ խարդախության կողմից՝ ամեն մի դպրոցականի կամ ծառայի հետ), ուստի և պատասխանեց այսպես․
― Ասել է թե՝ ձերդ ողորմածության համար չոր քարը կարող է անկողին լինել և մշտական զարթոնքը՝ քո՞ւնը։[44] Եթե այդպես է, դուք կարող եք իջնել ձիուց և լիահույս լինել, որ դրա համար այս տնակում դուք կգտնեք ինչ որ անհրաժեշտ է և անքուն կմնաք ոչ թե մեկ գիշեր, այլ ամբողջ տարի։
Այս խոսքերն ասելիս նա բռնեց ասպանդակը, և դոն Կիխոտն իջավ ձիուց մեծ դժվարությամբ և ճիգ գործադրելով, որովհետև ողջ օրը բան չէր կերել։ Ապա նա խնդրեց պանդոկապանից, որ առանձին հոգատարություն ունենա ձիու նկատմամբ, որ գարով կերակրվող անասուններից դա լավագույնն է։ Աչք գցելով Ռոսինանտի վրա, պանդոկապանը նրան բնավ այնպիսի երևելի ձի չտեսավ, ինչպես դոն Կիխոտն էր ասում, այլ ավելի շուտ՝ բոլորովին ընդհակառակը։ Ձին գոմը քաշելուց հետո նա վերադարձավ, որ հարցնի, թե հյուրը ի՞նչ կկամենար։ Այդ պահին աղջիկները, որ արդեն իսկ հաշտվել էին մեր ասպետի հետ, հանում էին նրա զենքն ու զրահը։ Նրանք աջողել էին հանել կրծքի և մեջքի զրահը, բայց վզակապի կոճակներն արձակել և անճոռնի սաղավարտը հանել միանգամայն անհնրարին էր։ Վերջինս կապած էր պարանոցին կանաչ ժապավենով, և որովհետև կապերն անհնարին էր արձակել, ապա մնում էր ժապավենը կտրել, իսկ դոն Կիխոտը դրան ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել։ Այդպես էլ, ողջ այդ գիշերը, նա մնաց սաղավարտը գլխին։ Դժվար էր ավելի տարօրինակ և ծիծաղաշարժ պատկեր երևակայել։
Մինչդեռ նրա զենքն ու զրահն էին հանում (իսկ ինքը երևակայում էր, թե այդ թրև եկող կանայք ազնվազարմ տիկիններ են, որ բնակվում են այս դղյակում), նա մեծ նրբությամբ արտասանում էր՝
Ոչ մի ասպետ իշխանազուն
Չի տոչորել տիկիններին՝
Կալվածքներից իմ ժամանած՝
Դոն Կիխոտի պես տակավին։
Ծառայում են նրան կույսեր, իսկ նժույգին՝ կոմսուհիներ։
Այսինքն՝ Ռոսինանտին, որովհետև այդ անունն է կրում իմ երիվարը, տիկիններ, իսկ դոն Կիխոտ Լամանչեցին ― իմ անունն է, որ ես չպիտի բաց անեի, քանի որ ձեր ծառայության և իմ փառքի համար դեռ չեմ կատարել այն սխրագործությունները, որ իմ անունս հայտնի դարձնեն։ Սակայն Լանսելոտի այս հին ռոմանը մտաբերելու առիթը պատճառ եղավ, որ ժամանակից առաջ հայտնեմ ձեզ անունս։ Ասենք, կգա ժամանակ, դուք ինձ կհրամայեք, իսկ ես ձեզ կհնազանդեմ, և իմ ձեռքի զորությունը կվկայի, թե որքան վառ է իմ մեջ ձեզ ծառայելու ցանկությունը։
Կանայք, որ սովոր չէին նման հռետորական գեղեցկությունների, ոչ մի բառ չպատասխանեցին, նրանք միայն տեղեկացան, չի՞ ուզում նա արդյոք ուտել։
― Այո՛, ես մի բան կուտեի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և, կարծես թե, դա շատ տեղին կլիներ։
Հակառակի պես օրը ուրբաթ էր, և ողջ պանդոկում մի քիչ ձկից բացի ուրիշ բան չգտնվեց։ Կաստիլիայում այդ ձուկը աբադեխո է կոչվում, Անդալուզիայում՝ բակալյաո, մի տեղ՝ կուրադիլյո, մի տեղ՝ մանր կարմրախայտ։ Դոն Կիխոտից հարցրին՝ չէ՞ր կամենա արյդոք նրա ողորմածությունը մանր կարմրախայտ անուշ անել, քանի որ ոչ մի ուրիշ տեսակ ձուկ չեն կարող առաջարկել նրան։ Նա պատասխանեց։
― Միայն թե այդ մանր կարմրախայտից շատ լինի, այնժամ նրանք կփոխարինեն մի մեծ կարմրախայտի, մեկ չէ՞ ութ ռեալ մանր փող ստանալ, թե մեկ ութ ռեալանոց դրամ։ Համ էլ կատարելապես հնարավոր է, որ մանր կարմրախայտերը ավելի քնքուշ լինեն, քան մեծ կարմրախայտերը, ինչպես հորթի միսը ավելի նազուկ է, քան տավարի միսը և ուլի միսն ավելի համով, քան այծի միսը։ Այսպես թե այնպես, տալիս եք՝ շուտ տվեք, որովհետև ոչ ոք չի կարող ռազմական աշխատանք վարել և ծանր զենք ու զրահ կրել առանց ստամոքսի պահանջների մասին հոգալու։
Պանդոկի դարպասի առջև սեղան դրեցին, որ զով լինի և պանդոկապանը դոն Կիխոտի համար բերեց մեկ բաժին վատ թրջած և զզվելի խաշած ձուկ և մի կտոր հաց, նույնքան սև ու մգլած, որքան նրա զենքն ու զրահը։ Դժվար էր չծիծաղել, տեսնելով, թե նա ինչպես էր ուտում, որովհետև նրա գլխին սաղավարտ կար, երեսակալը բարձրացրած էր, և նա իր ձեռքերով ոչ մի կտոր չէր կարող բերանը դնել և պետք էր, որ աղջիկներից մեկն ու մեկը նրան այդ ծառայությունը մատուցեր։ Տիկիններից մեկը այդ բանը իր վրա վերցրեց։ Իսկ նրան խմացնելը ուղղակի անկարելի կլիներ, եթե պանդոկապանը եղեգի մեջը չմաքրեր և մեկ ծայրը չդներ նրա բերանը, իսկ մյուսը՝ գինու մեջ։ Դոն Կիխոտն այդ ամենը տանում էր մեծ համբերությամբ, միայն թե սաղավարտի կապը չարձակեր։ Այդ միջոցին պատահմամբ պանդոկը մտավ մի գյուղացի, որի զբաղմունքը խոզ կռտելն էր և ներս մտնելով նա չորս թե հինգ անգամ շվացրեց իր եղեգնի շվիով։ Այստեղ դոն Կիխոտը վերջնականապես համոզվեց, որ մի հռչակավոր դղյակ է ընկել, որ խրախճանքի պահին երաժշտություն է նվագում, որ ձուկը կարմրախայտ է, մոխրագույն հացը՝ ճերմակ, թրև եկող կանայք՝ ազնվազարմ տիկիններ, իսկ պանդոկապետը՝ դղյակի տերը։ Այդ պատճառով նա հիացած էր թե՛ իր մտահղացումից, թե՛ իր առաջին արշավից։ Մի բան էր միայն նրան վշտացնում, այն, որ ինքը ասպետ չի կարգված։ Նա համարում էր, որ իրավունք չունի արկածներ որոնելու, քանի որ չի պատկանում ասպետական դասին։
Գլուխ III
Ուր պատմվում է, թե ինչ ծիծաղաշարժ կերպով դոն Կիխոտը ասպետ կարգվեց
Մաշվելով այդ մտքերից՝ դոն Կիխոտը փութաց ավարտելու իր սուղ պանդոկային ընթրիքը, վեր կացավ, կանչեց պանդոկապետին և, տանելով նրան գոմն ու փակելով դուռը, չոքեց նրա առջև և ասաց․
― Ով արի՜ ասպետ, ես այս տեղից վեր չեմ կենա, մինչև որ ձեր սիրալիրությունը չհաճի շնորհելու մի պարգև, որ ես մտարիր եմ ձեզնից խնդրելու, և որը կնպաստի ձեր փառքին և մարդկային ցեղի բարօրությանը։
Տենելով որ հյուրը ծնկաչոք է և լսելով նման խոսքեր՝ պանդոկապանը շփոթվեց և նայում էր նրան, առանց իմանալու, թե ինչ ասի և ինչ անի․ ապա նա սկսեց թախանձել, որ վեր կենա, սակայն իզուր, որովհետև դոն Կիխոտը չէր ուզում վեր կենալ, մինչև որ պանդոկապետը չխոստանա, որ կշնորհի իր ուզած պարգևը։
― Ես հավատացած էի, սինյոր, որ ըստ ձեր անսահման ազնվության դուք ինձ չեք մերժի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Արդ, ձեզնից խնդրածս շնորհը, որ դուք, ըստ ձեր առատաձեռնության խոստացաք ինձ, այն է, որ վաղը արևածագին, դուք ինձ ասպետ կարգեք։ Այսօրվա ողջ գիշերը ես հսկում կկատարեմ ձեր դղյակի մատուռում՝ զենքի առջև, իսկ վաղը, ինչպես ես արդեն ասացի, վերջապես կկատարվի իմ վառ ցանկությունը, և ես ի վիճակի կլինեմ օրինավոր կերպով աշխարհիս չորս կողմերը թափառել, արկածներ որոնել՝ զրկվածներին և թշվառներին օգնելու համար, որովհետև թափառական ասպետների օրենքն ու բոլոր ինձ նման ասպետների նպատակը այդ է՝ ձգտել կատարելու հիշածս սխրագործությունները։
Մենք արդեն ասացինք, որ պանդոկապետը խելքը գլխին մարդ էր և մի քիչ կռահում էր, որ իր հյուրը խելագար է․ լսելով այսքան տարօրինակ խոսքեր, նա վերջնականապես համոզվեց այդ բանում և գիշերը զվարճացած լինելու համար վճռեց թև տալ նրա խելագարությանը։ Ուստի նա պատասխանեց դոն Կիխոտին, թե նրա ցանկությունն ու խնդիրքը միանգամայն բանական են, թե, դատելով նրա հպարտ արտաքինից և շարժուձևերից, նա, ըստ երևույթին, ազնիվ ասպետ է, թե նման մտադրությունը միանգամայն բնական է և արժանի նրա կոչմանը, թե ինքն էլ, երիտասարդ հասակում, զբաղվել է այդ պատվաբեր գործով և թափառել է աշխարհիս զանազան կողմերում արկածներ որոնելով, չզլանալով հաճախել Մալահայի Պերչելեսը, Ռիարանի կղզիները, Սեվիլիայի Կոմպասը, Սեգովինիայի Ասոգեխոն, Վալենսիայի Օլիվերան, Գրենադայի Ռոնդիլյան, Սանլո՛ւկարի ծովափը, Կորդովայի Պոտրոն, Տոլեդոյի պանդոկները[45] և շատ ուրիշ վայրեր, որտեղ նա վարժվել է ոտների արագաշարժության և ձեռների հմտության մեջ և շատ օյիններ է խաղացել՝ վիրավորել է որբևայրի կանանց, նեղել է աղջիկներին, խաբել է մանկահասակներին, մի խոսքով՝ անուն է հանել Իսպանիայի բոլոր դատարաններում և բանտերում։ Սակայն իր օրերի մայրամուտին նա բնակվել է այս դղյակում և ապրում է այստեղ իր հաշվով, այլև ուրիշների հաշվին, հյուրընկալելով բոլոր թափառական ասպետներին, ինչ կոչման և կարողության տեր էլ լինեն նրանք, դրդված միմիայն դեպի նրանց իր ունեցած մեծ սիրուց, իհարկե պայմանով, որ, ի հատուցումն իր լավ վերաբերմունքի, նրանք իրեն բաժին հանեն իրենց ունեցածից։ Ապա նա ավելացրեց, որ դղյակում մատուռ չկա, որտեղ կարելի լիներ գիշերը հսկում կատարել զենքի առջև, որովհետև ինքը հինը քանդել է տվել, կամենալով կառուցել նորը, սակայն նրան հայտնի է, որ անհրաժեշտության դեպքում կարգվելու նախընթաց գիշերը կարելի է անցկացնել որտեղ էլ լինի, որ դոն Կիխոտը կարող է անցկացնել դղյակի բակում, իսկ վաղը, եթե հաճելի լինի Աստծուն, նա բոլոր պարտադիր արարողություններով կարգված կլինի ասպետ, այն էլ այնպիսի ասպետ, որ ավելի լավը գոյություն չի ունենում։ Վերջապես նա հարցրեց՝ դոն Կիխոտը ունի՞ արդյոք փող։ Սա էլ պատասխանեց, թե գրոշ չունի, որովհետև ոչ մի վեպում նրան չի պատահել կարդալ, թե թափառական ասպետները հետները փող են ունենում․ պանդոկապանը դրան պատասխանեց, թե նա սխալվում է, թե, ճիշտ է, վեպերում այդ մասին չի գրվում, որովհետև հեղինակները անհրաժեշտ չեն համարում հիշատակելու այդքան պարզ ու անհրաժեշտ իրերի մասին, ինչպես օրինակ փողը կամ մաքուր շապիկները, սակայն դրանից բնավ չի բխում, թե ասպետները չեն ունենում ո՛չ այս, ո՛չ այն․ ընդհակառակը՝ նա ստույգ ու հաստատ գիտե, որ բոլոր թափառական ասպետները, որոնց սխրագործություններով լեփ լեցուն են այնքան վեպեր, միշտ ունենալիս են եղել հետները լիքը֊լիքը քսակներ, ինչպես և շապիկներ և մի սրվակ դեղ, որով բուժելիս էին լինում իրենց վերքերը՝ դաշտ ու անապատներում, որտեղ նրանք մարտնչում և ընկնում էին վիրավոր, հո միշտ հնարավոր չէ՛ր լինում բժիշկ կանչել։ Իհարկե, նրանցից ոմանք բարեկամություն էին ունենում որևէ իմաստուն կախարդի հետ, այն ժամանակ վերջինս ուղղակի օդի միջով ամպի վրա ուղարկելիս է եղել որևէ աղջիկ կամ թզուկ՝ մի սրվակ անմահական ջուր հետը․ հենց որ ասպետը խմելիս էր լինում մի քանի կաթիլ, իսկույն նրա վերքերն ու խոցերը անհետանում էին, ասես չէին էլ եղել, բայց երբ որ նրանք նման հովանավորող չէին ունենում, հինավուրց ասպետները համարում էին միանգամայն տեղին, որ իրենց զինակիրները հետները ունենան փող և այլ անհրաժեշտ իրեր, ինչպես օրինակ վիրավորվելու դեպքի համար, իսկ եթե պատահում էր, որ նրանց զինակիրները չէին ունենում (ասենք՝ դա շատ քիչ էր պատահում), նրանք իրենք էին հետները վերցնում փոքրիկ խուրջինների մեջ, որ խմամքով թաքցնում էին ձիու ետևին՝ իբրև այլ առաջնակարգ անհրաժեշտության առարկա, որովհետև, բացառությամբ նման դեպքերի, թափառական ասպետները սովորություն չունեին հետները խուրջին ման ածել։ Այսպիսով, պանդոկապետը դոն Կիխոտին խորհուրդ տվեց (թեև նա կարող էր նրան անգամ հրամայել, որպես կրտսեր եղբորը, որովհետև շուտով նա պետք է այդպիսին դառնար) այլևս ճամփա չընկնել առանց փողի և անհրաժեշտ իրերի՝ նա ինքը կտեսնի, այդ բաները իրեն հարկավոր կգան այն ժամանակ, երբ ամենքից քիչը նրանց վրա դրած լինի իր հույսը։
Դոն Կիխոտը խոստացավ կետ առ կետ հետևել նրա խորհուրդներին և իսկույն պատրաստվեց հսկելու զենքի առջև՝ պանդոկին կից մեծ բակում։ Նա հավաքեց իր զենքը ու զրահը, դրեց ջրհորի մոտի կոճղի վրա և բռնելով նիզակն ու վահանը սկսեց մեծ արժանապատվությամբ ետ ու առաջ անցնել կոճղի առջև։ Գիշերն արդեն վրա էր հասնում, երբ նա սկսեց այդ զբոսանքը։
Պանդոկապանը պատմեց ամենքին, ովքեր իջևանել էին պանդոկում, դոն Կիխոտի խելագարության մասին, նրա հսկումը զենքի առջև և սպասումը, որ վաղը ասպետ է կարգվելու։ Խելագարության այդ տարօրինակ տեսակից զարմացած՝ նրանք բոլորն էլ գնացին, որ տեսնեն նրան և հեռվից տեսան, որ մեր ասպետը մերթ խաղաղ ու ծանր զբոսնում է, մերթ հենված նիզակի վրա, աչքը հառում է իր զենք ու զրահին և նայում անընդհատ, երկար ժամանակ։ Այնինչ գիշերը վրա էր հասել և լուսինն այնպես պայծառ էր փայլում, որ շուրջը ցերեկվա պես լուսավոր էր, և հանդիսատեսներին երևում էր ամենը, ինչ որ անում էր միաբանության մեջ մտնող մեր ասպետը։ Այդ միջոցին պանդոկում գիշերող ջորեպաններից մեկի խելքին փչեց ջրի գնալ, որ իր ջորիներին ջրի, իսկ դրա համար պետք էր զենք ու զրահը ջրհորի կոճղից ետ քաշեր։ Դոն Կիխոտը, լսելով սրա ոտնաձայնը, բարձր խոսեց․
― Ով որ էլ դու լինես, հանդուգն ասպետ, որ մեկնում ես ձեռքդ, երբևէ սրով գոտեպնդված թափառական ասպետներից ամենաարի զենք ու զրահին, խորհի՛ր նախապես, թե ի՜նչ ես անում և չհամարձակվես ձեռք տալ, թե չէ հանդգնությանդ համար կվճարես քո կյանքը։
Ջորեպանը այդ խոսքերի վրա անգամ գլուխը շուռ չտվեց (և իզուր, որովհետև այդ դեպքում նրա գլուխը ողջ կմնար)։ Ընդհակառակը, նա բռնեց զենք ու զրահի փոկերից և շպրտեց հեռու մի կողմ։ Տեսնելով այդ, դոն Կիխոտը աչքերը հառեց երկնքին և ըստ երևույթին մտքով դիմելով իր տիկնոջը՝ Դուլսինեային, ասաց․
― Օգնեցեք ինձ, իմ տիկին, այս առաջին վիրավորանքի պահին, որ հասցնում են ձեր ստրկացրած արի սրտին․ մի՛ զրկեք ինձ այս առաջին փորձության ժամին ձեր ողորմածությունից և օգնությունից։
Արտասանելով այս խոսքերը և այլ սրանց նմանները՝ նա մի կողմ գցեց վահանը, երկու ձեռքով բարձրացրեց նիզակը և այնպիսի ուժով հարվածեց ջորեպանի գլխին, որ վերջինս փռվեց գետնին ամենաողբալի վիճակում․ եթե դոն Կիխոտը մի հարված էլ հասցնելու լիներ, ապա նրա հակառակորդը բժշկի դիմելու կարիք չէր ունենա։ Իր գործը կատարելուց հետո դոն Կիխոտը հավաքեց իր զենքն ու զրահը, դրեց նախկին տեղը և վերսկսեց ետ ու առաջ գնալը՝ նույնքան հանգիստ, ինչպես առաջ։ Մի պահ անց, եղելությունից բոլորովին անտեղյակ (որովհետև առաջին ջորեպանը դեռ ընկած էր՝ շշմած հարվածից) դուրս եկավ երկրորդ ջորեպանը, որ նույնպես ուզում էր ջրել իր ջորիներին և երբ որ կոճղը ազատելու համար նա սկսեց վրայի զենք ու զրահը վերցնել, դոն Կիխոտը, առանց մի բառ արտասանելու և ոչ ոքի օգնությունը չհայցելով, երկրորդ անգամ մի կողմ դրեց վահանը, երկրորդ անգամ բարձրացրեց նիզակն ու վեր բերեց երկրորդ ջորեպանի գլխին՝ այնքան հաջող, որ նիզակը չեղավ երեք կտոր, այլ գանգը՝ չորս։ Աղմուկի վրա վազեվազ հավաքվեցին պանդոկի իջևանողները, որոնց թվում էր նաև պանդակապանը։ Տեսնելով նրանց՝ դոն Կիխոտը բռնեց վահանը, սուրը և բացականչեց․
― Օ՛հ, արքայական գեղեցկություն, ամրություն և ուժ իմ խոշտանգված սրտի։ Հասել է ժամը, երբ դու պետք է քո մենության հայացքը դարձնես քեզնով գերված և այսպիսի վտանգավոր մարտի մեջ մտնող ասպետի վրա։
Եվ թվում էր նրան, թե այս խոսքերը նրա մեջ այնպիսի արիություն են զարթնեցրել, որ եթե նրա վրա աշխարհիս բոլոր ջորեպաններն էլ հարձակվելու լինեին, նա դարձյալ ոչ մի քայլ չէր նահանջի։ Վիրավորված ջորեպանների ընկերները, տեսնելով իրայիններին գետնին փռված, հեռվից սկսեցին քարկոծել դոն Կիխոտին, որը կարյաց չափ պաշտպանվում էր նրանցից վահանով, բայց կոճղից չէր հեռանում, չկամենալով լքել իր զենք ու զրահը։ Իսկ պանդոկապանը գոռում էր, որ նրանք դադարեն՝ չէ՞ որ նա նախազգուշացրել է նրանց արդեն, որ այս մարդը խելագար է, ամենքին էլ կկոտորի և որպես խելագար անպատիժ կմնա։ Սակայն դոն Կիխոտը ավելի բարձր էր ճչում, ամենքին էլ անպիտան և դավաճան անվանելով, իսկ դղյակի տիրոջը՝ չար ու նենգամիտ, որ թույլ է տալիս թափառական ասպետներին իր իսկ դղյակում այսպիսի վիրավորանքներ հասցնել։ Եվ ավելացնում էր, թե եթե նա արդեն կարգված ասպետ լիներ, նա իսկույն կխրատեր նման դավաճանության համար։
― Իսկ դուք, ստորաքարշ ճորտեր, ձեզ ես պարզապես արհամարհում եմ․ քար շպրտեցեք, մոտեցեք, հարձակվեցեք, ինչքան կամենաք, դուք իսկույն ևեթ կպարգևատրվեք ձեր հանդգնության և անմտության համար։
Այս ամենը նա ասում էր այնքան սրտոտ ու վճռական, որ հարձակվողներին մեծ երկյուղ պատեց։ Այդ երկյուղի ազդեցության ներքո, այլև պանդոկապանի հորդորի հետևանքով նրանք վերջ ի վերջո դադարեցին քար գցելուց, ապա թե դոն Կիխոտը թույլ տվեց, որ հավաքեն վիրավորներին և վերսկսեց իր հսկումը զենք ու զրահի առջև այնպիսի պաղարյունությամբ, ասես թե ոչինչ չէր պատահել։
Այս կատակները պանդոկապանին դուր չեկան և գործին վերջ տալու համար նա վճռեց հյուրին անհապաղ մտցնել սատանի այդ ասպետական միաբանության մեջ, քանի դեռ նոր աղետ չի պատահել։ Ուստի նա մոտեցավ դոն Կիխոտին և ներողություն խնդրեց ստոր ճորտերի լկտի վարմունքի համար, որ առանց իր գիտության է եղել, թեև նրանց հանդգնությունը լավ պատժի ենթարկվեց։ Ապա մեկ էլ ասաց, որ դղյակում մատուռ չկա, ասենք իսկի հարկավոր էլ չի, որովհետև արդեն ամեն ինչ գրեթե արված է, որքան որ ինքը տեղյակ է ասպետական ծիսակատարության, ասպետ կարգելու ամբողջ գաղտնիքը ծոծրակին՝ ձեռքով, ուսին՝ սրով հարված հասցնելու մեջ է, իսկ չէ՞ որ այդ կարելի է անգամ բաց դաշտում անել։ Գալով զենքի առջև հսկում կատարելուն, ապա այդ ավարտված է, քանի որ սովորաբար դա տևում է ընդամենը երկու ժամ, իսկ դոն Կիխոտը չորս ժամից ավել է արդեն կանգնել։ Դոն Կիխոտն այս ամենին հավատաց և պատասխանեց, որ պատրաստ է հնազանդելու և խնդրում է ծեսը ըստ կարելվույն շուտ կատարել։ Որովհետև, երբ որ նա կարգված կլինի և մեկն ու մեկի խելքին կփչի դարձյալ հարձակվել նրա վրա, նա դղյակում կենդանի շունչ չի թողնի, խնայելով, դղյակի տիրոջ հարգանքից դրդված, միմիայն նրանց, որոնց համար նա բարեխոս կլինի։
Այս խոսքերից վախեցած պանդոկապանը, որ խելքը գլխին մարդ էր, իսկույն բերեց տետրը, որի մեջ նա գրի էր առնում, թե ինչքան գարի ու դարման է բաց թողնված ջորեպաններին։ Ապա ուղեկցությամբ մոմի կտոր բռնած մի տղայի և երկու արդեն հիշատակված աղջիկների, նա մոտեցավ դոն Կիխոտին, հրամայեց, որ չոքի և ինչ֊որ ջեռմեռանդ աղոթք կարդալու ձև անելով, ընթերցանության միջոցին բարձրացրեց ձեռքը և ամբողջ թափով խփեց նրա ծոծրակին, ապա նրա իսկ թրով զարկեց նրա ուսին, շարունակելով քթի տակին աղոթքի պես բան մրթմրթալ։ Այդ անելուց հետո նա հրամայեց, որ տիկիններից մեկը գոտեպնդի նրան սրով, մի բան, որ տիկինը կատարեց վարժ և զուսպ կերպով։ Հասկանալի է, թե ինչու նա պիտի ինքն իրեն զսպեր․ այս ծիսակատարության միջոցին նա յուրաքանչյուր վայրկյան քիչ էր մնում ծիծաղից պայթեր։ Այնուամենայնիվ, ասպետի սխրագործությունները, որ նա, նախապատրաստվելով իր կարգվելուն, կատարել էր նրա աչքի առջև՝ բակում, հարկադրում էին ծիծաղը զսպելու։ Գոտեպնդելով նրան թրով՝ բարի տիկինն ասաց․
― Աստված պարգևի ձեր ողորմությանը բախտ ասպետական գործերում և աջողություն մարտերում։
Դոն Կիխոտը հարցրեց նրա անունը, որովհետև նա ապագայի համար կամենում էր գիտենալ՝ ինչ տիկնոջ է պարտական այսպիսի մեծ ողորմածության համար, որպեսզի ժամանակ անց նրա հետ կիսի պատիվները, որոնց նա հույս ուներ հասնելու իր բազկի զորությամբ։ Տիկինը խորին խոնարհությամբ պատասխանեց, որ իր անունը Լա Տոլոսա է, որ ծնվել է Տոլեդոյում, հայրը կոշկակար է, որ ապրում է Սանչո Բրենայի շուկայում և որ որտեղ էլ ինքը լինի, միշտ պատրաստ կլինի ծառայելու և համարելու դոն Կիխոտին իր տերը։ Դոն Կիխոտը խնդրեց նրան, եթե սիրում է իրեն, ողորմածություն շնորհի իրեն՝ այսուհետև իր անվանը ավելացնի դոն և կոչվի դոն Տոլոստա։ Աղջիկը համաձայնեց։ Ապա մյուս տիկինը կապեց խթանը, սրա հետ էլ նույն խոսակցությունը տեղի ունեցավ, ինչպես և առաջինի հետ, որ նրան գոտեպնդեց թրով։ Դոն Կիխոտը հարցրեց, թե ինչ է նրա անունը և նա պատասխանեց, որ իր անունը Լա Մոլիներա է և ինքը Անտեկերզի ազնիվ ջրաղացպանի աղջիկն է։ Սրանից էլ դոն Կիխոտը խնդրեց, ավելացնել իր անվանը դոն և կոչվել դոն Մոլիներա։ Միաժամանակ նա շատ և շատ շնորհակալ եղավ և առաջարկեց իր ծառայությունը։ Երբ որ այս չտեսնված ծեսերը կատարված էին այսպիսի արագությամբ, դոն Կիխոտը աճապարեց ձի հեծնելու՝ այնքան անհամբեր էր նա արկածախնդրությանը։ Նա թամքեց Ռոսինանտին, թռավ վրան և, գրկելով պանդոկապետին, շնորհակալություն հայտնեց կարգելու համար այնպիսի արտասովոր խոսքերով, որ ամենևին հնար չկա վերարտադրելու։ Իսկ պանդոկապանը, ուրախացած, որ նա գնում է, պատասխանեց նրա խոսքերին ավելի կարճ, բայց ոչ պակաս հռետորական ֆրազներով, օթևանի համար բան չվերցրեց և բաց թողեց, որ գնա բարով։
Գլուխ IV
Այն մասին, թե ինչ պատահեց մեր ասպետին պանդոկից դուրս գալուց հետո
Լույսը բացվում էր արդեն, որ դոն Կիխոտը դուրս եկավ պանդոկից և այնքան գոհ, այնքան հպարտ, ուրախությունից այնքան հուզված՝ ասպետ կարգված լինելու համար, որ նրա ձիու կողերն էլ էին զգում ուրախությունը։ Սակայն մտաբերելով պանդոկապանի խորհուրդները անհրաժեշտ պաշարի մասին, որ մարդ պիտի հետը վերցրած լինի, մանավանդ փող ու շապիկները, ― նա վճռեց տուն դառնալ, որ ամեն ինչի պատրաստություն տեսնի և զինակիր գտնի․ այն էլ ասենք, որ նա աչք ուներ իր հարևանի՝ աղքատ և մեծ ընտանիքի տեր մի գյուղացու վրա, որը շատ պիտանի էր թափառական ասպետի զինակրի պաշտոնի համար։ Այս մտքերով նա շուռ տվեց Ռոսինանտին գլուխը դեպի գյուղ, և վերջինս, ասես իր տիրոջ միտքն ըմբռնելով, այնպիսի պատրաստակամությամբ և այնքան թեթև վազ տվեց, որ թվում էր թե նրա սմբակները չեն դիպչում գետնին։ Հազիվ էր դոն Կիխոտը մի քանի քայլ արել, որ նրան թվաց, թե աջ կողմում գտնվող անտառի թավուտից թույլ և աղեխարշ հեծեծանք է լսում։ Եվ լսեց թե չէ, նա ասաց․
― Շնորհակալ եմ երկնքից ինձ առաքած ողորմության համար։ Ահա դեպքը բերում է ինձ կատարելու ասպետի պարտականությունը և իմ ազնիվ որոշման պտուղը քաղելու՝ անտարակույս իմ օգնության և պաշտպանության կարոտ որևէ տղամարդ կամ կին է հեծեծում։
Եվ Ռոսինանտի գլուխը շուռ տալով՝ նա փութաց դեպի այն կողմը, որտեղից հեծեծանքի ձայն էր գալիս։ Հենց որ նա մտավ անտառը, նրա աչքին երևաց կաղնուց կապած տասնհինգ տարեկան տղա, որ մինչև գոտետեղին մերկ էր։ Հեծողն էլ հենց սա էր և ոչ առանց պատճառի, որովհետև մի բռի գյուղացի նրան անխնա ծեծում էր կաշվե գոտիով, յուրաքանչյուր հարվածի հետ խրատ ու խորհուրդ տալով։
― Աչքդ բաց պահիր, ― ասում էր նա, ― իսկ բերանդ՝ փակ։
― Այլևս երբեք չեմ անի, վարպետ, ― պատասխանում էր տղան, ― երդվում եմ տիրոջ չարչարանքով, որ այլևս երբեք չեմ անի։ Խոսք եմ տալիս ձեզ, որ այսուհետև ավելի լավ կհետևեմ հոտին։
Տեսնելով այս պատկերը՝ դոն Կիխոտը բացականչեց ցասկոտ ձայնով․
― Անարժան ասպետ, ամոթ է հարձակվելը նրանց վրա, որոնք ի վիճակի չեն պաշտպանվելու, հեծե՛ք ձին, վերցրե՛ք նիզակը (գյուղացու նիզակը[46] հենված էր նույն կաղնուն, որից կապված էր նրա մադիանը), և ես կապացուցեմ ձեր վարմունքի ողջ ստորությունը։
Տեսնելով իր գլխի վերև ինչ֊որ կերպարանք, որի վրա զանազան զենքեր են կախված և որը քիչ է մնում նիզակը խրի իր փորը՝ գյուղացին վճռեց, որ հասել է իր վախճանը, ուստի ահ ու դողով պատասխանեց․
― Սինյոր ասպետ, տղան, որին ես պատժում եմ, իմ ծառան է, որ այստեղից ոչ հեռու արածեցնում է իմ ոչխարներին։ Նա այնքան բերանբացն է, որ ամեն օր մեկական ոչխարս կորչում է։ Ես նրան պատժում եմ անփութության և չարամտության համար, իսկ նա պնդում է, որ ես այդ չարությունից դրդված եմ անում, որ իր ռոճիկը կտրեմ։ Աստված վկա, նա ստում է։
― «Ստո՜ւմ է»։ Եվ դու այդ իմ ներկայությամբ ես ասում, ստոր և կոպիտ մարդ,[47] ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Երդվում եմ մեզ լուսավորող արևով, որ իսկույն նիզակով կծակեմ քեզ։ Անմիջապես վճարիր նրան և մի՛ խոսիր, թե չէ երդվում եմ երկնավոր հորով՝ մեկ հարվածիցս շունչդ կփչես և տեղն ու տեղը կսատկես։ Իսկույն ևեթ արձակիր նրան։
Գյուղացին գլուխը քաշ արեց և առանց մի բառ արտասանելու արձակեց տղին, իսկ դոն Կիխոտը հարցրեց տղայից, թե տերն իրեն ինքան է պարտ։ Տղան պատասխանեց, թե ինը ամսվան ռոճիկը, հաշվելով ամսական յոթ ռեալ։ Դոն Կիխոտը հաշվեց ― դուրս եկավ վաթսուներեք ռեալ ― և հրամայեց, որ գյուղացին իսկույն քսակը հանի կամ պատրաստվի մահվան։ Ահաբեկված գյուղացին երդվեց իրեն սպառնացող կործանումով և վերհիշեց իր նախընթաց երդումը (թեև նա իսկի չէր էլ երդվել), որ իր պարտքը բնավ այդքան մեծ չէ, որ պետք է հաշվի առնել և այդ գումարից հանել երեք զույգ կոշիկի արժեքը, որ մաշել է ծառան և երկու անգամ արյուն առնելու վճարը, որ արված է եղել նրա հիվանդության պահին և նստել է մեկ ռեալ։
― Ենթադրենք, թե այդպես է,― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն ծեծելով նրան անմեղ տեղը, դուք լրիվ ստացել եք թե՛ կոշիկների, թե՛ արյուն առնելու համար, որովհետև եթե նա ճղել է կոշիկի կաշին, որ դուք գնել եք նրա համար, դուք նրա սեփական կաշին եք ճղել։ Եթե դալլաքը արյուն է առել նրա հիվանդության միջոցին, դուք առողջի արյունն եք առնում։ Կնշանակի՝ տեղը դուրս է եկել։
― Ցավն այն է, սինյոր ասպետ, որ մոտս ձեռաց փող չունեմ։ Թող Անդրեսը հետս գա տուն, և ես կվճարեմ մինչև վերջին ռեալը։
― Ես նրա հետ գնամ տո՞ւն, ― բացականչեց տղան։ ― Երբե՛ք, սինյոր, Աստված ինձ պահի։ Չեմ էլ մտածի գնալու մասին։ Չէ՞որ նրա հետ մենակ մնանք թե չէ, նա իմ կաշիս կքերթի, ինչպես սուրբ Բարդուղիմեոսինը։
― Նա այդ չի անի, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Բավական է, որ ես նրան հրամայեմ, նա իմ պատիվը կպահի։ Թող միայն նա երդվի ասպետական ուխտով, որին պատկանում է, և ես նրան բաց կթողնեմ և կերաշխավորեմ, որ նա քեզ կվճարի։
― Խորհեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր, թե դուք ի՜նչ եք ասում, ― ասաց տղան։ ― Իմ տերը բնավ ասպետ չէ և ոչ մի ասպետական ուխտի մեջ չի գրված։ Նա Խուան Հալդուդոն է, Կինտանար գյուղի հարուստներից։
― Դա կարևոր չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Հալդուդոն էլ կարող է ասպետ լինել, առավել ևս, որ մեզնից ամեն մեկը իր գործերի զավական է։
― Դա, իհարկե, ճիշտ է, ― ասաց Անդրեսը, ― միայն թե այդ ի՞նչ գործերի զավակ է իմ տերը, եթե հրաժարվում է վճարել աշխատանքի և ծառայության համար։
― Ես չեմ հրաժարվում, Անդրես բալիկ, ― ընդհատեց նրան գյուղացին, ― հաճեցեք միայն հետո գալ, և ես երդվում եմ բոլոր ասպետական ուխտերով, որ գոյություն ունեն աշխարհիս երեսին, կվճարեմ ձեզ, ինչպես արդեն ասացի, մինչև վերջին ռեալը, այն նոր֊նոր դրամներով։
― Թույլատրում եմ ձեզ և ոչ նորերով, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ես միանգամայն բավարարված կլինեմ, եթե դուք սովորական ռեալներով վճարելու լինեք։ Ձեր երդումը պահեք, հա՜, թե չէ, ես իմ հերթին երդվում եմ, որ կվերադառնամ, կգտնեմ ձեզ և կպատժեմ։ Դուք կարող եք թաք կենալ մողեսի պես, միևնույն է, դարձյալ ես ձեզ կգտնեմ։ Իսկ եթե հաճեիք իմանալ, թե ով է ձեզ այդ հրամայում, ապա իմացած եղեք՝ (հիմա դուք ավելի եռանդուն կկատարեք ձեր խոստումը), ես՝ արի դոն Կիխոտ Լամանչեցին եմ, անարգանք ու անարդարություն պատճառողների վրիժառուն։ Տերը ձեզ հետ, և մի՛ք մոռանա ձեր խոստումն ու երդումը, թե չէ խոստացածս պատիժը վրա կհասնի։
Այս խոսքերը բերնին՝ նա խթանեց Ռոստինանտին և արագ֊արագ հեռացավ։ Գյուղացին նրան աչքերով ճամփա գցեց և համոզվելով, որ ասպետն անհետացավ անտառի թավուտում և այլևս չի երևում, նա դարձավ իր ծառային և ասաց․
― Աբա մոտեցիր, Անդրես բալիկ, ես ուզում եմ վճարել քեզ պարտքս, ինչպես հրամայեց այն անարգանք պատճառողների վրիժառուն։
― Խոսք եմ տալիս ձեզ, ― պատասխանեց Անդրեսը, ― որ ձերդ ողորմածությունը շատ լավ կանի, եթե կատարի այն բարի ասպետի հրամանը։ Աստված նրան հազար տարի կյանք տա իր արիության և արդար դատաստանի համար։ Երդվում եմ սուրբ Ռոկեի անվամբ, որ եթե դուք ինձ վճարելու չլինեք, նա իսկույն կվերադառնա և ձեր հախիցը կգա, ինչպես որ խոստացավ։
― Ես էլ եմ երդվում, ― պատասխանեց գյուղացին, ― և որովհետև ես քեզ շա՜տ եմ սիրում, ապա իսկույն կավելացնեմ պարտքս, որպեսզի հատուցումն էլ ավել լինի։
Եվ բռնելով նրա թևից՝ նա տղին կրկին կապեց նույն կաղնուց և գանահարեց՝ հասցնելով տղին կիսամեռ վիճակի։
― Դե, հիմա, սինյոր Անդրես, ― ասաց գյուղացին, ― դուք կարող եք կանչել անարգանք պատճառողների վրիժառուին և դուք կտեսնեք, թե ձեզ համար նա ինչպե՜ս վրեժ կլուծի։ Ասենք՝ ինձ թվում է, որ ես այդ անարգանքը դեռ լրիվ չեմ հասցրել՝ շա՜տ եմ ուզում ձեր կաշին կենդանի֊կենդանի մաշկած լինել, ինչպես դուք ինքներդ դրանից երկյուղ էիք կրում։
Վերջ ի վերջո գյուղացին այնուհանդերձ արձակեց տղին և թույլ տվեց, որ նա գնա իր դատավորին որոնի, որպեսզի վերջինս ի կատար ածի իր արտասանած դատավճիռը։ Անդրեսը հուսահատ գնաց, երդվելով որ կգտնի արի դոն Կիխոտ Լամանչեցուն և մանրամասն կպատմի նրան եղելությունը, և տերը հարկադրված կլինի հարյուրապատիկը վճարել։ Բոլոր այս սպառնալիքներով հանդերձ նա գնաց արտասվաթոր, մինչդեռ իր տերը մնաց կանգնած և լիաթոք ծիծաղում էր․ ահա՜ թե ինչպես արի դոն Կիխոտը պատժեց անարգողին։
Նույն այդ միջոցին մեր ասպետին թվում էր, որ նա գեղեցիկ և վեհ սկիզբ է դրել իր ասպետական սխրագործություններին։ Միանգամայն բավարարված տեղի ունեցածով և ծայր աստիճան գոհ ինքն իրենով՝ նա շարունակում էր գնալ դեպի իր գյուղը, կիսաձայն ասելով․
― Օ՜, գեղեցիկ Դուլսինեա Տոբոսցի, ճշմարտապես դու կարող ես քեզ բոլոր աշխարհիս երեսին ապրող կանանցից երջանկագույնը համարել, օ՜, գեղեցիկդ գեղեցիկներից։ Որովհետև բախտը տվել է քեզ հրամայել, որպես ստրուկի, որ հլու է քո կամքին և քո ցանկություններին, այնպիսի մի խիզախ և հռչակավոր ասպետի, որպիսին ցույց տվեց ինքն իրեն և ցույց է տալու դոն Կիխոտ Լամանչեցին։ Արար աշխարհը գիտի, որ նա երեկ կարգվեց ասպետ, իսկ այսօր արդեն այնպիսի անարգանքի և անարդարության համար վրեժ առավ, որ դեռևս չի հնարել չարամտությունը և չի կատարել խստասրտությունը, որովհետև նա այսօր խլեց պատվազուրկ չարագործի ձեռքից խարազանը, որ առանց որևէ պատճառի գանակոծում էր թույլ պատանուն։
Այս խոսքերի վրա նա հասավ այն տեղը, որտեղ ճամփան բաժանվում էր չորս ճյուղի և նա իսկույն մտաբերեց, որ թափառական ասպետները սովորաբար կանգ են առնելիս եղել ճամփաբաժաններին և խորհելիս, թե որ ճամփով ընթանան։ Որպեսզի նրանց օրինակին հետևած լինի, նա՛ էլ պահ մի կանգ առավ, սկսեց խորհել դրության մասին, բաց թողեց Ռոստինանտի սանձը, և ենթարկեց իր կամքը քնձռոտ ձիու կամքին, որ հավատարիմ մնալով իր սկզբնական մտադրության, բռնեց գոմը տանող ճամփան։ Մի երկու մղոն կտրելուց հետո դոն Կիխոտը նկատեց մարդկանց մի մեծ խումբ։ Դրանք, ինչպես հետո պարզվեց, Տոլեդոցի վաճառականներ էին, որ անցնում էին Մուրսիա մետաքս գնելու նպատակով։ Վեց հոգի էին և գնում էին գլխներին հովանոց բռնած, ուղեկցությամբ չորս ձիավոր ծառաների և երեք ջորեպան֊տղաների, որ ոտով էին գնում։ Հազիվ էր նրանց նշմարել դոն Կիխոտը, իսկույն նրան թվաց, թե նրան նոր արկած է սպասում։ Եվ կամենալով ամեն բանում, ինչ չափով որ դա հնարավոր էր թվում, հետևած լինի սովորություններին, որոնց մասին նա կարդացել էր վեպերում, նա վճռեց, որ տեղին կլինի այստեղ ի կատար ածել իր խորհած մեկ ծրագիրը։ Ուստի հպարտ ու խիզախ տեսքով նա ոտներն ամրացրեց ասպանդակների մեջ, ավելի ամուր բռնեց նիզակը, կուրծքը ծածկեց վահանով և, կանգ առնելով ճամփի մեջտեղում, սպասեց, որ թափառական ասպետները մոտենան (որովհետև վաճառականներին նա համարում էր թափառական ասպետներ)։ Եվ հենց որ նրանք մոտեցան այնչափ, որ կարող էին նրան տեսնել և լսել նրա ձայնը, նա բարձր ձայնով և հպարտ֊հպարտ ասաց․
― Ոչ ոք ձեզնից մի քայլ առաջ չի անի, եթե չխոստովանի, որ ամբողջ աշխարհում ավելի գեղեցիկ աղջիկ չկա, քան Լամանչի կայսրուհին, աննման Դուլսինեա Տոբոսցին։
Լսելով այս խոսքերը և տեսնելով խոսողի տարօրինակ կերպարանքը՝ վաճառականները կանգ առան։ Անծանոթի խոսքերից էլ, կերպարանքից էլ նրանք իսկույն կռահեցին, որ սա խելագար է։ Սակայն նրանք կամեցան իմանալ, թե ինչու է նա պահանջում նրանցից այդպիսի խոստովանություն և նրանցից մեկը՝ կատակ սիրող ու սրամիտ, պատասխանեց․
― Սինյոր ասպետ, մենք չգիտենք, թե ո՛վ է այդ բարի տիրուհին, որի մասին դուք խոսում եք, մենք ամենայն սիրով և առանց որևէ հարկանդրանքի կճանաչենք և կկատարենք ձեր պահանջը։
― Եթե ձեզ ցույց տամ, ― ասաց դոն Կիխոտը, ― դուք ճանաչեք այնքան ակներև մի ճշմարտություն, ապա ի՞նչ կլինի ձեր արժանիքը։ Ես հենց պահանջում եմ ձեզնից, որպեսզի դուք առանց նրան տեսնելու հավատաք, ճանաչեք, հաստատեք, երդվեք և պաշտպանեք այդ ճշմարտությունը։ Հակառակ դեպքում ես ձեզ մարտի եմ կանչում անճոռնի՛ և ժպի՛րհ մարդուկներ։ Դուրս եկեք կամ մեկ֊մեկ, ինչպես պահանջում է ասպետական օրենքը, կամ բոլորդ միասին, ըստ ձեր կոչման մարդկանց վատ սովորության․ ես սպասում եմ ձեզ և պատրաստ եմ ըստ արժանվույն դիմավորել ձեզ, հավատացած լինելով, որ կատարելապես արդարացի եմ։
― Սինյոր ասպետ, ― պատասխանեց վաճառականը, ― բոլոր այս արքայորդիների՝ իմ ուղեկիցների անունից աղաչում եմ ձերդ ողորմածությանը, որպեսզի մենք մեր հոգու վրա մեղք վերցրած չլինենք, ճանաչելով մի բան, որ մենք երբեք չենք տեսել և որի մասին երբեք չենք լսել, նամանավանդ որ դրանով մենք մեծ վնաս հասցրած կլինենք Ալկաբրիայի և Էստրեմադուրայի[48] կայսրուհիներին և թագուհիներին․ ցույց տվեք այդ կնոջ որևէ պատկերը, անգամ եթե այդ պատկերը ցորենի հատիկից մեծ չլինի՝ չէ՞ որ ասվում է, թե բրդի փոքրիկ մի կտորից ճանաչվում է ոչխարը։ Այդ մեզ միանգամայն կհանգստացնի ու կհամոզի, ձերդ ողորմածությունն էլ բավարարված կլինի՝ ստանալով ցանկացածը։ Մենք հիմա իսկ այնքան հակամետ ենք համաձայնելու ձեզ, որ եթե պատկերի վրա, որ դուք մեզ ցույց կտաք, երևա, թե ձեր տիկնոջ մեկ աչքը կույր է, իսկ մյուսից խրուկ ու ծծումբ է ծորում, միևնույն է, մենք ի հաճույս ձերդ ողորմածության, կճանաչենք ինչ արժանիքներ էլ դուք հաճեք։
― Ոչինչ էլ նրա աչքից չի ծորում, ստոր սրիկա, ― զայրույթով վառված գոչեց դոն Կիխոտը, ― լսո՞ւմ եք, այդ տեսակ բան չկա։ Թանկագին մուշկ ու համպարի հոտ է բուրում նրանից, և նա բնավ մի աչքով կույր չէ, ոչ էլ կուզ, այլ վայելչակազմ՝ որպես Գուադարամայի իլիկ։[49] Դուք կպատժվեք այն մեծագույն պղծության համար, որով վիրավորեցիք իմ տիրուհու աննման գեղեցկությունը։
Եվ, ասելով այս խոսքերը, նա նիզակը ճոճեց և կատաղի ու ցասումնալից հարձակվեց իր խոսակցի վրա այնպես, որ եթե վերջինիս բախտից Ռոսինանտը ճամփի կեսին չսայթաքեր և վայր չընկներ, ապա հանդուգն վաճառականի բանը բուրդ կլիներ։ Ռոսինանտը վայր ընկավ, և դոն Կիխոտը գլորվեց մի կողմ։ Չնայած իր թափած ճիգերին, նա ոչ մի կերպ չկարողացավ ոտի ելնել՝ նրան շատ էին խանգարում նիզակը, վահանը, խթանները, սաղավարտը և ծանր, հին զենք ու զրահը։ Ապարդյուն ճգնելով բարձրանալ, նա միաժամանակ շարունակում էր խոսել։
― Մի՛ք փախչի, վախկոտներ, անպիտաններ, սպասեցեք։ Իմ մեղքը չէ, որ ես վայր ընկա, իմ երիվարն է մեղավոր։
Ջորեպաններից մեկը, որ, ըստ երևույթին, հեզ բնավորության տեր չէր, լսելով, որ վայր ընկած ասպետը շարունակում է վիրավորանքներ թափել իրենց գլխին, չհամբերեց և վճռեց՝ ի պատասխան, նրա բուրդը գզել։ Նա մոտեցավ դոն Կիխոտին, խլեց նրա ձեռքից նիզակը, կտոր֊կտոր արեց և մի կտորով սկսեց հարվածել մեր ասպետին այնպես, որ չնայած նրա զրահին, ջարդեց նրան, ասես մի ջվալ ցորեն։ Վաճառականները գոռում էին, որ նա դադարի, այլևս չխփի, բայց ջորեպանը ոգևորվել էր և չէր ուզում խաղն ավարտել, մինչև որ չսպառեց իր ցասումի ողջ պաշարը։ Նիզակի կտորները, մեկը մյուսի ետևից վերցնելով նա կոտրում էր՝ հարվածելով գետնին փռված, թշվառական ասպետի մեջքին, որը չնայած կարկուտի պես տեղացող հարվածներին չէր լռում և շարունակում էր սպառնալ երկնքին, երկրին և նրանց, որոնց նա ավազակների տեղ էր դնում։
Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։ Դոն Կիխոտը տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե առաջ նա ողջ ու առողջ չէր կարողանում ոտի կանգնել, ապա հիմա՝ ծեծված, կիսամեռ վիճակում, ինչպե՞ս ելներ։ Այնուհանդերձ, նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին, և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա չէր կարողանում, այնքան էին ցավում նրա ոսկորները։
Գլուխ V
Որ շարունակում է մեր ասպետի ձախորդությունների պատմությունը
Այսպիսով համոզվելով, որ իրոք ի վիճակի չի տեղից շարժվելու, մեր ասպետը որոշեց դիմել իր սովորական դեղին, այսինքն՝ մտաբերել որևէ դեպք վեպերից։ Եվ նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ Բալդովինոյի և մարկիզ Մանտուացու տեսարանը, երբ որ Կարլոտոն վիրավոր Բալդովինոյին թողեց լեռներում․ մի պատմություն, որ լավ ծանոթ է մանուկներին, անհայտ չէ պատանիներին և վայելում է ծերերի սերն ու վստահությունը, և չնայած այդ ամենին, ավելի ստույգ չէ, քան Մոհամմեդի հրաշագործությունները։ Դոն Կիխոտին թվաց, որ այդ պատմությունը շատ սազում է իր ցավալի վիճակին։ Եվ ահա նա սկսեց գլորվել գետնին և խորունկ զգացմունքով կրկնել թույլ ձայնով խոսքեր, որ երգի հեղինակը դրել է վիրավոր Անտառի Ասպետի շուրթերում․
Արի՛, ցավս բաժանիր,
Ո՜հ, իմ տիկին փափկասուն,
Մի՞թե ցավս չգիտես,
Կամ թե ինձ չես ափսոսում։
Շարունակելով այս երգը՝ նա հասավ հետևյալ տողերին․
Մանտուանի դու իշխան,
Ո՜հ իմ տեր ու հորեղբայր։
Բախտն այնպես էր տնօրինել, որ այն պահին, երբ նա հասավ այս տողերին, ճանապարհով պատահմամբ մի գյուղացի էր անցնում, միևնույն գյուղի բնակիչ, որտեղից որ մեր ասպետն էր։ Նա վերադառնում էր ջրաղացից, որտեղ ցորեն էր տարել և, գետնին պառկած մարդ տեսնելով, մոտեցավ ու հարցրեց, թե ո՞վ է նա, ի՞նչն է ցավում և ինչո՞ւ է նա այդքան աղիողորմ հառաչում։ Դոն Կիխոտը երևի կարծեց, թե իր առջև իր հորեղբայր մարկիզ Մանտուացին է և այդ պատճառով ոչ մի բառ չարտասանեց, այլ շարունակեց իր երգը, որ ասում էր նրա դժբախտությունների մասին և կայսրորդու սիրո մասին՝ դեպի իր կինը, մի խոսքով այն ամենը, որ այդ երգում երգվում է։
Այս բոլոր անմտություններից գյուղացին ապշեց։ Հանելով դոն Կիխոտի երեսկալը, որ ջարդվել էր փայտի հարվածներից, նա սրբեց նրա փոշոտ դեմքը և սրբելուց հետո իսկույն ճանաչեց նրան և ասաց․
― Սինյոր Կիխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դառել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդը գզել։
Սակայն դոն Կիխոտը, առանց պատասխանելու, շարունակում էր իր երգը։ Ապա թե բարի մարդը ջանասիրությամբ, որքան որ կարող էր, հանեց նրա կրծկալն ու մեջկալը, որպեսզի տեսնի՝ վիրավորված չի՞ նա արդյոք։ Սակայն ոչ վերք, ոչ արյուն երևաց։ Հետո նա բարձրացրեց նրան գետնից և մեծ դժվարությամբ նստեցրեց իր էշի վրա, որովհետև նրան թվում էր, թե հիվանդի համար էշով գնալն ավելի հանգիստ կլինի, քան ձիով։ Վերջապես նա հավաքեց զենքերը, անգամ նիզակի կտորները, այդ ամենը կապեց Ռոսինանտի թամքին, բռնեց ձիու և էշի սանձերն ու ուղևորվեց դեպի գյուղ, խորհելով խելագար խոսքերի մասին, որ արտասանում էր դոն Կիխոտը։ Սակայն դոն Կիխոտն էլ պակաս մտահոգված չէր գնում, այնքան ջարդված ու տրորված էր, որ հազիվ էր կարողանում փալանի վրա նստած մնալ։ Մերթ ընդ մերթ նա խորը հոգոց էր քաշում, որ ասես հասնում էին երկնքին իսկ։ Այդ մղեց գյուղացուն դարձյալ հարց տալու, թե նրա ինչն է ցավում։ Պետք է կարծել, որ ինքը դևն էր հիշեցնում դոն Կիխոտին զանազան պատմություններ, հար ու նման իր սեփական արկածներին․ որովհետև այդ վայրկյանին նա մոռացավ Բալդովինոյին և մտաբերեց, թե ինչպես Անտեկերայի կառավարիչ Ռոդրիգո դե Նարվա՛եսը բռնել էր մավր Աբինդարրաե՛սին և բանտարկել իր սեփական դղյակում։ Ուստի երբ որ գյուղացին երկրորդ անգամ հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է նրա քեֆը և ի՞նչն է ցավում, նա պատասխանեց նույն բառերով և դարձվածքներով, ինչպես գերի Աբենսերա՛եսը[50] պատասխանեց Ռոդրիգո դե Նարվա՛եսին Խորգե դե Մոնտեմայորի «Դիանայի» մեջ, որ մեր ասպետը կարդացել էր։ Եվ նա այնքան աջող գործադրեց իր նկատմամբ այդ տեղը, որ գյուղացին անմտությունների այդ կույտը լսելով, պատրաստ էր հոգին սատանին վաճառելու։ Ահա այստեղ նա գլխի ընկավ, որ իր հարևանը ցնդել է և շտապեց շուտ տուն հասնել, որովհետև դոն Կիխոտի երկար ու բարակ ճառերը նրան սաստիկ ձանձրացրել էին։ Իսկ դոն Կիխոտը ի վերջո հայտարարեց․
― Իմացած եղեք, ձերդ ողորմածություն, սինյոր դոն Ռոդրիգո դե Նարվաե՛ս, որ գեղեցկուհի Խարիֆան, որի մասին ես նոր ասում էի ձեզ, այժմ չքնաղ Դուլսինեա Տոբոսացին է, ի պատիվ որի ես կատարեցի, կատարում եմ և կատարելու եմ այնպիսի փառավոր սխրագործություններ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի տեսել, չի տեսնում և չի տեսնի երբեք։
Գյուղացին դրան պատասխանեց․
― Ախր հասկացեք, ձերդ ողորմածություն, սինյոր, վա՛յ ինձ, մեղավորիս, որ ես բնավ դոն Ռոդրիգո Նարվաե՛սը չեմ, ոչ էլ մարկիզ Մանտուացին, այլ Պեդրո Ալոնսոն՝ ձեր համագյուղացին, իսկ ձեր ողորմածությունը Բալդովինոն չէ, ոչ էլ Աբինդարբաե՛սը, այլ պատվավոր հիդալգո սինոր Կիխադան։
― Ես ինքս գիտեմ, թե ով եմ, ― հակաճառեց դոն Կիխոտը, ― այն էլ գիտեմ, թե կարող եմ լինել ոչ միայն այդ ասպետներից մեկն ու մեկը, այլ Ֆրանսիայի տասներկու պերերից և Փառքի ինը այրերից[51] յուրաքանչյուրը, որովհետև նրանց կատարած սխրագործությունները բոլորը միասին և ամեն մեկն առանձին չեն հավասարվի իմ սխրագործություններին։
Շարունակելով խոսակցել այս եղանակով՝ նրանք իրիկնադեմին հասան գյուղ։ Սակայն գյուղացին սպասեց, որ բոլորովին մթնի, որովհետև նա չէր կամենում, որ մեկն ու մեկը տեսնի մեր հիդալգոյին՝ ծեծված և հազիվ էշի վրա նստած։ Երբ որ նրա կարծիքով հարմար ժամանակ հասավ, նա ներս մտավ գյուղը և դիմեց դոն Կիխոտի տունը։ Այստեղ բոլորը շփոթմունքի մեջ էին։ Եկել էին երկու նրա մտերիմ բարեկամները՝ տեղական դալլաքն ու քահանան, և խոսում էին տնտեսուհու հետ, որ բարձրաձայն բացականչում էր․
― Ի՞նչ կասեք, ձերդ ողորմածություն, սինյոր լիցենտիատ Պերո Պերես (այդպես էր քահանայի անունը) իմ տիրոջ դժբախտության մասին։ Ահա՛, երեք օր է, ինչ անհետացան և՛ նա, և՛ նրա քնձռոտ ձին, և՛ վահանը, և՛ նիզակը, և՛ զրահները։ Ա՜խ, ես դժբախտ կին եմ։ Ես այսպես եմ կարծում, և դա նույնպիսի ճշմարտություն է, ինչպիսին է այն, որ մենք ծնվել ենք մեռնելու համար։ Այն անիծյալ ասպետական վեպերը, որ նա շարունակ կարդում էր, նրան խելագարեցրին։ Ես հիմա մտաբերում եմ, որ նա քանիցս խոսելով ինձ հետ, ասում էր, որ ինքն ուզում է թափառական ասպետ դառնալ և գնալ զանազան երկրներ արկածներ որոնելու համար։ Սատանան և Բարրաբասը տանեն բոլոր այդ գրքերը, որ կործանեցի Լամանչի ամենաբանական գլուխը։
Նույնն էր ասում նաև դոն Կիխոտի քրոջ աղջիկը, որ դեռ ավելացնում էր․
― Գիտե՞ք, սինյոր վարպետ Նիկոլաս (այդպես էր դալլաքի անունը), հաճախ իմ սինյոր քեռին տարվում էր այդ անիծյալ վեպերի ընթերցանությամբ երկու օր, երկու գիշեր առանց դադարի։ Վերջը նա գցում էր գիրքը, բռնում սուրը և սկսում ծակել պատերը։ Իսկ երբ որ բոլորովին ուժասպառ էր լինում, հայտարարում էր, որ չորս հսկա է սպանել, որոնցից յուրաքանչյուրի հասակը չորս անգամ բարձր է աշտարակից։ Հոգնությունից նա քրտնաթոր էր լինում, իսկ ինքը պնդում էր, որ արյուն է հոսում իր վերքերից, որ նա ստացել է մարտի ժամանակ։ Ապա թե նա խմում էր մի մեծ փարչ սառը ջուր, թարմանում, հանգստանում, և հայտարարում, որ դա ջուր չէր, այլ թանկագին խմիչք, որ բերել է իր բարեկամը և մեծ կախարդ, իմաստուն Էսկիֆեն։ Սակայն այս ամենի մեղքն իմն է, որովհետև ես գլխի չընկա իմ սինյոր քեռու խելագարության մասին նախօրոք հաղորդել ձեր ողորմածություններին․ դուք վերջ կդնեիք, նախքան նա հասավ այս վիճակին, եթե այրեիք բոլոր այս աստվածահակառակ գրքերը (իսկ նա դրանցից շատ ունի), որ արժանի են խառույկի ոչ պակաս, քան հերձվածային գրությունները։
― Ես նույն կարծիքի եմ, ― վրա բերեց քահանան, ― խոսք եմ տալիս ձեզ, որ վաղն իսկ մենք աուտոդաֆեի կենթարկենք և կմատնենք կրակի, որպեսզի այլևս նրանց ընթերցողներին չհրեն դեպի այնպիսի գործեր, որ, երևի, կատարում է հիմա իմ խեղճ բարեկամը։
Դոն Կիխոտն իր ուղեկցի հետ լսեց այս բոլոր խոսակցությունը, և գյուղացու համար բոլորովին պարզվեց իր հարևանի ցավը։ Ուստի նա բարձրաձայն աղաղակեց․
― Բաց արեք, տիրուհի, ժամանել են ծանր վիրավորված սինյոր Բալդովինը և սինյոր մարկիզ Մանտուացին, նույն ինքը՝ սինյոր մավր Աբինդարրաե՛սը, որին, գերի վարած, բերում է արի Ռոդրիգո դե Նարվաե՛սը՝ Անտեկերի կառավարիչը։
Բոլորը դուրս վազեցին ձայնի վրա։ Տղամարդիկ ճանաչեցին իրենց բարեկամին, կանայք ― մեկը՝ իր տիրոջը, մյուսը՝ իր քեռուն, և բոլորը վրա տվին, որ գրկեն, մինչդեռ դոն Կիխոտը մնացել էր նստած էշի վրա, որովհետև ոչ մի կերպ չէր կարողանում իջնել։ Նա ասաց․
― Բոլորդ էլ համբերեցեք, իմ երիվարի երեսից ես ծանր վիրավորված եմ։ Ինձ տարեք դրեք անկողնի մեջ և, եթե հնարավոր է, կանչեցեք իմաստուն Ուրգանդային, որպեսզի նա կապի ու բուժի իմ վերքերը։
― Ի՜նչ դժբախտություն, տեսա՞ք, ― բացականչեց տնտեսուհին։ ― Սիրտս ճիշտ էր ասում, թե մեր սինյորի որ ոտն է կաղում։ Համեցեք, ձեր գալուստը բարի, ձերդ ողորմածություն, մենք կկարողանանք ձեզ բժշկել և առանց այդ Ուրգանդայի։[52] Մի անգամ էլ, հազար անգամ էլ անիծվեն այն ասպետական գրքերը, ահա՛ թե նրանք ձերդ ողորմածությանը որտեղ հասցրին։
Ապա նրանք դոն Կիխոտին տարան֊դրեցին անկողին և ուզում էին կապել նրա վերքերը, սակայն ոչ մի վերք չկար։ Նա բացատրեց, որ պարզապես ցավել է, որովհետև իր երիվար Ռոսինանտի հետ գլորվել է գետին մարտի ամենաթեժ պահին տասը հսկաների դեմ․ ավելի հանդուգն և կատաղի էակներ, նրա ասելով, աշխարհս չի ստեղծել։
― Պա֊պա֊պա, ― ընդհատեց քահանան, ― մեզանում հսկաներ են երևան եկել։ Երդվում եմ Մադոննայով, վաղն ևեթ, արևը դեռ մայր չմտած, նրանք բոլորը այրված կլինեն։
Եվ նրանք սկսեցին դոն Կիխոտին հարց ու փորձ անել, սակայն նա չուզեց նրանց բան պատմել, միայն խնդրեց, որ իրեն ուտելու բան տան և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։ Նրա ցանկությունը կատարեցին, ապա թե քահանան մանրամասն հարց ու փորձ արեց գյուղացուց, թե նա ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե՛ գետնին պառկած, թե՛ էշով գնալիս։ Այս տեղեկություններից հետո մեր լիցենցիատի մեջ առավել ևս ամրացավ իր ծրագիրն ի կատար ածելու ցանկությունը։ Նա այդպես էլ արեց՝ հետևյալ օրը նա անցավ իր բարեկամի՝ դալլաք վարպետ Նիկոլասի ետևից և նրանք երկուսով գնացին դոն Կիխոտի տունը։
Գլուխ VI
Մեծ ու զվարճալի հետազոտության մասին, որին ենթարկեցին քահանան ու դալլաքը մեր հնարամիտ հիդալգոյի գրադարանը
Դոն Կիխոտը դեռ քնած էր։ Քահանան խնդրեց նրա քրոջ աղջկանից այն սենյակի բանալին, որտեղ պահված էին գրքերը՝ այսպիսի մեծ դժբախտության պատճառները, և աղջիկը մեծ պատրաստակամությամբ բանալին հանձնեց։ Բոլորը տնտեսուհու ուղեկցությամբ ներս մտան և տեսան հարյուրից ավելի փոքրադիր գրքեր։ Հենց որ տնտեսուհին տեսավ, որ նրանք ներս մտան, ինքը շուտափույթ դուրս վազեց սենյակից և իսկույն վերադարձավ մի թաս օրհնված ջրով և վրձինով ցանելու համար։
― Ապա վերցրեք, պարոն լիցենցիատ, ― ասաց նա, ― և ցողեցեք սենյակը, թե չէ մեկն ու մեկը այն անիծյալ կախարդներից, որոնցով այդ գրքերը լիքն են, դուրս կպրծնի և կկախարդի մեզ և վրեժը կհանի, որ մենք ուզում ենք նրանց ջինսը խայտառակել և ջնջել աշխարհիս երեսից։
Տնտեսուհու պարզամտությունն ստիպեց լիցենցիատին խնդալ, և նա խնդրեց, որ դալլաքը գրքերը մեկը մյուսի ետևից տա իրեն, որպեսզի ինքը պարզի, թե նրանց մեջ ինչից է խոսվում, չէ՞ որ կարող է պատահել, որ նրանցից մի քանիսը արժանի չլինեն մահապատժի կրակի միջոցով։
― Չէ, չէ, ― բացականչեց դոն Կիխոտի քրոջ աղջիկը, ― պետք չէ նայել նրանցից և ոչ մեկին, նրանք բոլորն էլ մեր ցավին մեղապարտ են։ Ամենից լավը կլինի, եթե մենք լուսամուտից դուրս թափենք բակը, մի կույտ անենք և վառենք, կամ թե ասենք անասնաբակը ու այնտեղ խարույկ վառենք՝ այնտեղից ծուխը մեզ անհանգիստ չի անի։
Նույնն էր ասում նաև տնտեսուհին՝ ահա՛ թե որ աստիճան նրանք ծարավի էին այդ անմեղ մանուկների կորստյան։ Սակայն քահանան չմաձայնեց նրանց հետ, և կամեցավ նախապես կարդալ գոնե նրանց վերնագրերը։ Առաջին գիրքը, որ տվեց նրան վարպետ Նիկոլասը, Ամադիս Գաղղիացու պատմությունը դուրս եկավ՝ չորս մասից բաղկացած։ Քահանան ասաց․
― Ես սրա մեջ տեսնում եմ բախտի մատը, որովհետև լսել եմ, որ սա Իսպանիայում տպագրված առաջին ասպետական վեպն է և որ սրանից են սկիզբ առել ու ծագել բոլոր մյուսները։ Ուստի ես կարծում եմ, որ մենք պետք է անողոքաբար դատապարտենք այրելու, որպես այն բովանդակ չարավնաս աղանդի պարագլխին։
― Ո՛չ, սինյոր, ― առարկեց դալլաքը, ― իսկ ես լսել եմ, որ այս վեպը լավագույն գործն է այն ամենից, որ երբևիցե գրված է եղել այդ ուղղությամբ, ուստի և, իբրև միակը իր տեսակի մեջ, արժանի է ներման։
― Այո՛, դուք արդարացի եք, ― պատասխանեց քահանան, ― նկատի կառնենք այդ և առժամապես նրան կբաշխենք կյանքը։ Իսկ հիմա տեսնենք, թե նրա կողքին ինչ կա։
― Ամադիս Գաղղիացու օրինական որդու՝ Էսպլանդիանի սխրագործությունները,[53] ― ասաց դալլաքը։
― Ճշմարիտն ասած, ― նկատեց քահանան, ― հոր արժանիքները չեն փրկում որդուն։ Ապա վերցրեք, տիրուհի տնտեսուհի, բաց արեք լուսամուտն ու բակը նետեցեք՝ նա կդառնա հիմքը պատրաստվող խարույկի։
Տնտեսուհին ամենամեծ հաճույքով հնազանդեց, և բարի Էսպլանդիանը թռավ բակը, այնտեղ մեծ համբերությամբ իրեն սպառնացող խարույկին սպասելու համար։
― Իսկ հետո՞, ― ասաց քահանան։
― Հետևյալը, ― ասաց դալլաքը, ― Ամադիս Հունաստանցին է, ― և ինձ թվում է, որ այս դարակի վրա բոլոր գրքերը Ամադիսի ցեղից են։
― Որ այդպես է, ապա թող երթան բակը, ― պատասխանեց քահանան։ ― Ես այնպես եմ ուզում այրել թագուհի Պինտիկինեստրային, Դարինել Հովվին իր էկլոգներով և այդ հեղինակի բոլոր ճոռոմ հիմարությունները, որ եթե ինձ աշխարհ բերող հայրը թափառական ասպետի կերպարանք ընդուներ, ես նրան՝ էլ սրանց հետ կայրեի։
― Ե՛ս էլ նույն կարծիքի եմ։
― Դե որ այդպես է, ― ասաց տնտեսուհին, ― ապա բոլորին էլ բակը նետենք։
Նրան բեռնեցին այդ բազմաթիվ հատորներով, և նա, առանց սանդուղքով իջնելու, ուղղակի լուսամուտից թափեց բակը։
― Սա՞ ինչ տակառ է, ― հարցրեց քահանան։
― Սա, ― պատասխանեց դալլաքը, ― դոն Օլիվանտեե դե Լաուրան է։
― Այս վեպը նույն հեղինակին է պատկանում, որ հորինել է Ծաղկի պարտեզը, ― ասաց քահանան, ― և, ճշմարիտն ասած, ես դժվարանում եմ ասել, թե այս երկու գրվածքից ո՞րն է ավելի ճշմարտապատում, ավելի ճիշտ՝ ո՞րն է պակաս սուտ։ Մի բան կասեմ միայն՝ այս գիրքն էլ բակը կերթա, որպես խենթ ու քմահաճ գրվածք։
― Այնուհետև՝ Ֆլորիսմարտե Հերկանացին է, ― շարունակեց դալլաքը։
― Ա՜, ահա թե դուք որտեղ եք, սինյոր Ֆլորիսմարտե, ― բացականչեց քահանան։ ― Ազնիվ խոսք, նա էլ կթռչի բակը, չնայած իր տարօրինակ ծնունդին և զարմանալի արկածներին՝ նրա չոր ու ծանր ոճը ուրիշ բանի արժանի չէ։ Բակը նետեք նրան, տիրուհի տնտեսուհի, սրան էլ նրա հետը։
― Հաճույքով, սինյոր, ― պատասխանեց տնտեսուհին, մեծ ուրախությամբ կատարելով ամենը, ինչ որ նրան հանձնարարում էին։
― Ահա՛ և Պլատիր ասպետը, ― ասաց դալլաքը։
― Սա հին գիրք է և մեջը մի բան չկա, որ արժանի լիներ ներման։ Թող մյուսների հետ երթա, առանց հակաճառության, ― ասաց քահանան։
Այդ էլ կատարվեց։ Ապա նրանք բաց արին հետևյալ գիրքը և կարդացին վերնագիրը՝ Խաչի ասպետը։
― Այս գրքի սուրբ վերնագրի համար կարելի էր նրա հեղինակի տգիտությունը ներել։ Սակայն զուր չի ասված՝ «Խաչի ետևը նստած է սատանան»։ Նետեցեք կրակը։
Դալլաքը մի ուրիշ գիրք վերցրեց և ասաց․
― Սա Ասպետության հայելին է։
― Ծանոթ է, ― պատասխանեց քահանան։ ― Մեջը սինյոր Ռեյնալդոս Մոնտալբանացին է թրև գալիս իր ընկերների և բարեկամների հետ, որոնք ավելի գող են, քան ինքը՝ Կակոն և Ֆրանսիայի տասներկու պերերը, իրենց ճշմարտապատում պատմաբան Տուրպինի հետ։ Ճշմարիտն ասած, ես նրանց կդատապարտեի ոչ ավել, մշտենջենական աքսորի, որովհետև նրանցից օգտվել էր իր գրվածքում հռչակավոր Մատեո Բոյարդոն, որից քրիստոնյա բանաստեղծ Լյուդովիկոս Արիոստոն փոխ է առել իր պոեմի հյուսվածքը։ Եթե այս վերջինս գտնվի մեր գրքերի մեջ, և մենք տեսնենք, որ նա ոչ թե իր մայրենի, այլ օտար լեզվով է խոսում, ես ոչ մի հարգանք չեմ տածի դեպի նա․ իսկ եթե նա իր լեզվով խոսելու լինի, ես նրան գլխիս վրա կդնեմ։[54]
― Ես ունեմ իտալերենը, ― ասաց դալլաքը, ― միայն թե բան չեմ հասկանում։
― Ձեզ պետք էլ չէ հասկանալ, ― առարկեց քահանան, ― և մենք սիրով կներեինք նույնը սինյոր կապիտանին,[55] որովհետև նա հակառակ դեպքում չէր տարածի Իսպանիայում այդ գիրքը՝ այն կաստիլցի դարձնելով, մի բան, որ զրկում է նրան իր բազմաթիվ բնական հատկություններից։ Ասենք նույնն են անում նրանք, ովքեր փորձում են թարգմանել ոտանավորները, որովհետև թարգմանիչներն ինչքան էլ ջանասեր և հմուտ լինեն, նրանք երբեք չեն հասնի այն կատարյալ ձևին, ինչ ձևով նրանք առաջին անգամ ծնվել են։ Ուստի սրա, ինչպես և մնացած ֆրանսիական պատմության գրքերի նկատմամբ, որ գտնվելու լինեն այս գրադարանում, ես առաջարկում եմ այսպես վարվել՝ դարսել չորացած ջրհորի հատակին և այնտեղ պահել, մինչև որ ծանր ու բարակ խորհելուց հետո մենք կորոշենք թե ինչ անենք, բացառությամբ, սակայն, Բերնարդո դել Կարպիոյից, որ անշուշտ այստեղ նույնպես ապաստանած կլինի, մեկ էլ Ռոնսևալից։ Եթե սրանք իմ ձեռքն ընկնելու լինեն, ես իսկույն կհանձնեմ տնտեսուհուն, իսկ նա, առանց ներման նշույլի, կրակի գիրկը կնետի։
Դալլաքը համաձայնեց սրան և հայտարարեց, որ այս ամենը ճիշտ ու ճշմարիտ է, որովհետև նա գիտեր, որ քահանան այնքան բարի քրիստոնյա է և այնպիսի բարեկամ ճշմարտության, որ ոչ մի բան աշխարհիս երեսին նրան չի կարող հակառակը ասել տալ։ Ապա նա բաց արեց հետևյալ գիրքը՝ դա Օլիվացի Պալմերինն էր, որի կողքին կանգնած էր մի ուրիշը, որի վերնագիրն էր՝ Պալմերին Անգլիացի։ Տեսնելով սրանց՝ լիցենցիատն ասաց.
― Օլիվացուն իսկույն ևեթ կարելի է ոչնչացնել և այրել, այնպես որ մոխիրն էլ չմնա, իսկ Պալմա Անգլիացուն պահել և պահպանել որպես հազվագյուտ առարկա և նրա համար տուփ պատրաստել, այն տուփի նման, որ Ալեքսանդրը գտավ Դարեհի գանձերում և հատկացրեց Հոմերոսի պոեմները մեջը պահելու համար։ Այս գիրքը, սիրելի խնամի, հարգանքի է արժանի երկու պատճառով՝ մեկ, որ նա ինքնըստինքյան սքանչելի է, ապա կարծիք կա, որ դա մի իմաստուն փորթուգալցի արքայի հեղինակությունն է։ Միրագուրդայի դղյակի բոլոր արկածները գեղեցիկ են և ճարպիկ հնարած, ոճը՝ սահուն ու վճիտ, իսկ խոսակցությունները՝ հմուտ և ճաշակով հարմարեցված խոսողների բնավորության և բնության։ Ուստի ես կարծում եմ, եթե միայն դուք համաձայնելու լինեք, սինյոր վարպետ Նիկոլաս, այս վեպը և Ամադիս Գաղղիացին կարող են խուսափել խարույկից, իսկ մնացածը՝ նայել էլ չարժե՝ թող բոլորն էլ կորչեն։
― Ոչ, սինյոր խնամի, ― առարկեց դալլաքը, ― իսկ այս հռչակավոր դոն Բելյանի՞սը, որ իմ ձեռքին է։
― Է՜, սրան, ― պատասխանեց քահանան, ― իր երկրորդ, երրորդ և չորրորդ մասերի հետ պետք է դեղ տալ, որ մաղձից մաքրվի, բացի այդ նրանցից պետք է հանել այն ամենը, որ վերաբերում է Փառքի դղյակին և շատ ուրիշ անհեթեթություններ՝ ավելի ևս վատթար։ Սակայն տանք նրան ժամանակ և եթե նա ուղղվի, այն ժամանակ կորոշենք՝ խիստ վարվել հետը, թե՞ ողորմած լինենք։ Իսկ առայժմս, սիրելի խնամի, տարեք հետներդ տուն, միայն թե մարդու չտաք կարդալու։
― Ամենամեծ հաճույքով, ― պատասխանեց դալլաքը, և, չկամենալով իրեն այլևս ծանրաբեռնել մնացյալ ասպետական վեպերի քննությամբ, նա կարգադրեց, որ տնտեսուհին հավաքի բոլոր մեծադիր հատորները և գցի բակը։
Տնտեսուհին ո՛չ հիմար էր, ո՛չ էլ խուլ։ Նա ավելի սիրով կայրեր աշխարհիս բոլոր գրքերը, քան ամենանուրբ քաթան կհյուսեր։ Նա միանգամից ութ հատ խոշոր հատոր խտտելով լուսամուտից դուրս գցեց։ Բայց որովհետև նա շատ էր վերցրել, գրքերից մեկը վայր ընկավ դալլաքի ոտների մոտ։ Սա կամեցավ տեսնել գրքի անունը և կարդաց՝ Հռչակավոր ասպետ Տիրանա Ճերմակի պատմությունը։
― Տեր ողորմյա, ― գոչեց բարձրաձայն քահանան, ― մի՞թե Տիրանա Ճերմակն այստեղ է։ Շուտով տվեք ինձ նրան, սիրելի խնամի։ Հավատացած եղեք, որ ձեր առջև են հաճույքի գանձ և զվարճալիքների անսպառ աղբյուր։ Նրա մեջ նկարագրված են արի ասպետ դոն Կիրիելեյսոն Մոնտալբանցին, նրա եղբայր Թոմաս Մոնտալբանցին և Ֆոնսեկա ասպետը։ Նրա մեջ պատմված է արի Տիրանտի մարտի մասին շան դեմ, Պլասերդեմիվիդա աղջկա խորամանկության մասին, Ռեսպոսադա այրիի[56] սիրաբանությունների և բանսարկությունների մասին, կայսրուհու մասին, որ սիրահարված է եղել իր կառապան Հիպպոլիտին։ Սուտ ասած չեմ լինի, սինյոր խնամի, ըստ ոճի՝ դա աշխարհիս ամենալավ գիրքն է՝ ասպետներն ուտում, քնում, մեռնում են իրենց մահճակալների վրա, մեռնելուց առաջ կտակ են գրում և հազար ուրիշ օգտակար բաներ, որ այդ տեսակի այլ վեպերում չեն հիշատակվում։ Եվ այնուհանդերձ, ասում եմ ձեզ, հեղինակն արժանի է իր օրերն ավարտելու տաժանակիր աշխատանքի մեջ, որովհետև այդ բոլոր ախմախությունը նա հիմարաբար է գրել։ Վերցրեք այդ գիրքը, կարդացեք և դուք կտեսնեք, որ իմ բոլոր ասածները զուտ ճշմարտություն են։
― Ես այդպես էլ կանեմ, ― պատասխանեց դալլաքը, ― իսկ մնացած մանր գրքե՞րն ինչ անենք։
― Դրանք ասպետական վեպեր չեն, ― ասաց քահանան, ― այլ, հավանորեն, ոտանավորների գրքեր են։
Եվ նրանցից մեկը բաց անելով, նա կարդաց վերնագիրը՝ Դիանա Խորխե դե Մոնտեմայոր։ Ենթադրելով, որ մնացյալներն էլ նույն տեսակ բաներ են, նա ասաց․
― Սրանք կրակի արժանի չեն, որովհետև չեն պատճառում և երբեք չեն պատճառի այնպիսի վնաս, ինչպես ասպետական վեպերը։ Սրանք զբաղեցնում են մարդու միտքը և ամենևին վտանգավոր չեն։
― Ա՜խ, սինյոր, ― բացականչեց դոն Կիխոտի քրոջ աղջիկը, ― իսկ ըստ իս, ձերդ ողորմածությունը պետք է նրանց նետեր կրակը մյուսների հետ միասին։ Չէ՞ որ կարող է պատահել, որ իմ սինյոր քեռին, բուժվելով իր ասպետական հիվանդությունից, սկսի ոտանավորներ կարդալ և նրա խելքին փչի հովիվ դառնալ և գնալ թափառելու անտառներն ու դաշտերը, սրինգ փչելով կամ երգ ասելով, կամ, ինչ որ ավելի վատթար է, հենց ինքը բանաստեղծ դառնա, որովհետև ասում են, թե այդ հիվանդությունը ամենից անբուժելին ու վարակիչն է։
― Աղջիկը ճիշտ է ասում, ― ասաց քահանան։ ― Ավելի լավ կլինի, որ մենք հավաքենք մեր բարեկամի ճամփից այս նոր վտանգն ու գայթակղությունը։ Եվ քանի որ մենք Մոնտեմայորի Դիանայից սկսեցինք, ապա ես կարծում եմ հետևյալը՝ այրել նրան պետք չէ, բայց նրա միջից պետք է դուրս գցել այն ամենը, որ վերաբերում է իմաստուն Ֆելիսիային և անմահական ջրին, և գրեթե բոլոր երկար տողերով գրած ոտանավորները։ Թող որ մնա իրեն արձակը և նման պոեմների միջև առաջինը լինելու արժանիքը։
― Ապա գալիս է այսպես կոչված Երկրորդ Դիանան, որ հորինել է Սալամանտինցին, ― շարունակեց դալլաքը, ― ահա ևս մի գիրք, որի հեղինակը Գիլ Պոլոն է։
― Ինչ արած, ― պատասխանեց քահանան, ― Սալամանտինցու Դիանան թող հետևի մյուսներին և բազմացնի այրվելու դատապարտվածների քանակը։ Իսկ Գիլ Պոլոյի Դիանան մենք կպահենք, ինչպես եթե այն հորինած լիներ ինքը Ապողղոնը։ Հետո ինչ կա, սինյոր խնամի, ― ավելացրեց նա, ― պրծնենք, թե չէ ուշ է արդեն։
― Ահա Սիրո երջանկության տասը գիրքը, որ գրել է սարդինցի բանաստեղծ Անտոնիո դե Լոֆրասոն։
― Հավատ ընծայեք իմ հոգևոր կոչմանը, ― ասաց քահանան, ― այն պահից, ինչ Ապողղոնը Ապողղոն է կոչվում, մուսաները՝ մուսա, իսկ պոետները՝ պոետ, ավելի զվարճալի և հաճելի գիրք դեռ գրված չի եղել, և դա իր տեսակի լավագույն և արժանագույն հեղինակությունն է բոլոր լույս տեսածներից։ Նա, ով այդ գիրքը չի կարդացել, կարող է հավատացած լինել, որ ոչ մի հռչակավոր բան չի կարդացել։ Ապա դեսը տվեք, սիրալիր խնամի։ Եթե ինձ Ֆլորենցիայի մետաքսից փարաջա նվիրելու լինեին, ես պակաս կուրախանայի, քան այս գյուտից։
Եվ նա մեծ գոհունակությամբ գիրքը մի կողմ դրեց, իսկ դալլաքը շարունակեց․
― Հետո գալիս են՝ Իբերիացի հովիվը, Հենարեսի նիմֆերը և Միջոց խանդի դեմ։
― Սրանց հետ գլուխ դնել չարժե, ― ասաց քահանան, ― հանձնեցեք նրանց աշխարհիկ իշխանության ձեռքը՝ տնտեսուհուն։ Մի՛ք հարցնի ինձնից, թե ինչու, թե չէ մենք երբեք չենք վերջացնի։
― Այա Ֆիլիդայի հովիվը։
― Նա բնավ հովիվ չէ, ― նկատեց քահանան, ― այլ իսկական պալատական։ Պահպանեցեք, որպես գանձ։
― Այս ստվար հատորը, ― շարունակեց դալլաքը, ― խորագրված է՝ Զանազան ոտանավորների գանձարան։
― Եթե ոտանավորները սակավաթիվ լինեին, ― պատասխանեց քահանան, ― մենք ավելի բարձր կգնահատեինք։ Այդ գիրքը պետք է քաղհան անել և մաքրել տափակ կտորներից, որ ընկել են մեջը խոշոր գործերի հետ։ Ներում շնորհեք, որովհետև հեղինակը իմ բարեկամն է և նրա մյուս գրվածները՝ ավելի վեհ ու հերոսական են։
― Ահա Լոպես Մալդոնադոյի Ոտանավորների ժողովածուն։
― Այդ հեղինակը նույնպես իմ բարեկամն է, ― ասաց քահանան, ― նրա ոտանավորները իր շուրթերին հիանալի են, այնպիսի հրապուրիչ ձայն ունի նա։ Ճիշտ է, նրա էկլոգները քիչ ձգձգված են, սակայն չէ՞ որ լավ բանից մարդ միշտ ավելի շատ է ուզում։ Արդ՝ կցենք նրան ընտրյալներին։ Իսկ նրա կողի՞նն ինչ է։
― Սա Միգուել դե Սերվանտեսի Գաղաթեան է, ― պատասխանեց դալլաքը։
― Շատ տարի է, ինչ ես բարեկամացել եմ այդ Սերվանտեսին և գիտեմ, որ նա ավելի փորձ ունի դժբախտություններում, քան ոտանավորներում։ Նրա գրքում կա մտահղացում, նա խոստանում է, բայց չի ավարտում։ Սպասենք խոստացած երկրորդ մասին։ Թերևս ուղղված նա կարժանանա վերջապես թողության, որ առայժմ նրան մերժվում է։ Իսկ մինչ այդ պահեք նրան ձեզ մոտ բանտարկված, սինյոր խնամի։
― Սիրով, ― պատասխանեց դալլաքը։ ― Ահա ևս երեք գիրք՝ դոն Ալոնսո դե Էրսիլյայի Արաուկանան, Խուան Ռուֆոյի, կորդովցի դատավորի՝ Աուստրիադան և վալենսիացի պոետ Կրիստո՛բալ դե Վիրուեսի Մոնսերրատը։
― Այս երեք գրքերը լավագույններն են այն ամենից, որ գրված է հերոսական ոտանավորով իսպաներեն։ Նրանք ոչնչով պակաս չեն հռչակավոր իտալացի պոետներից։ Պահեցեք նրանց որպես իսպանական պոեզիայի թանկագին գանձարանը։
Վերջապես քննությունը հոգնեցրեց քահանային և նա առաջարկեց մնացած բոլոր գրքերը այրել առանց խտրության։ Սակայն այդ վայրկյանին դալլաքը մի հատորիկ էլ բաց արեց, որ խորագրված էր Անջելիկայի արցունքները։
― Ես էլ նրա հետ կարտասվեի, եթե հրամայած լինեի այդպիսի մի գիրք կրակը նետել։ Նրա հեղինակը ամենահռչակավոր պոետներից մեկն է ո՛չ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում։ Նա մեծ վարպետությամբ թարգմանել է Օվիդիոսի առասպելներից մի քանիսը։
Գլուխ VII
Մեր բարի ասպետ դոն Կիխոտ Լամանչեցու երկրորդ արշավի մասին
Նույն այդ րոպեին նրանք լսեցին դոն Կիխոտի ձայնը․
― Այստե՛ղ, այստե՛ղ, ասպետնե՜ր, ― ճչում էր նա, ― հասել է ժամը ցույց տալու, ձեր հզոր բազուկների ուժը։ Այս պալատական ասպետները կամենում են հափշտակել հաղթանակը մրցության մեջ։
Պետք էր թողնել մնացած գրքերն առանց քննության և դուրս վազել աղմուկ աղաղակի վրա։ Պետք է կարծել, թե Կարոլեան և Լևոն Իսպանացին, դոն Լուիս դե Ավելայի Կայսեր գործերի հետ միասին, որ անշուշտ արժանի են ներման, առանց դատի և հարցաքննության կրակն ընկան, թեև հնարավոր է, որ եթե քահանան նրանց տեսած լիներ, նա այդքան խիստ դատավճիռ չէր արտասանի։
Ներս մտնելով ննջարանը, նրանք տեսան, որ դոն Կիխոտը արդեն վեր է կացել անկողնից, աղաղակում է, աղմկում և տանում֊բերում, խփում ու ծակում, այնքան առույգ, որ կարծես թե դրանից առաջ նա քնած չի էլ եղել։ Նրան բռնեցին և բռնի դրին անկողնու մեջ, ապա թե նա, մի քիչ հանգստացած, դարձավ քահանային հետևյալ խոսքերով․
― Ճշմարտապես, սինյոր արքեպիսկոպոս Տուրպին, մեծ ամոթ նրանց, որոնց մենք տասներկու պերեր ենք կոչում, որ նրանք, առանց մի խոսքի, թույլ են տալիս պալատականներին հափշտակել այս մրցության հաղթանակը։ Մինչդեռ երեք օրվա ընթացքում բոլոր հաղթությունները մենք՝ թափառական ասպետներս ենք տարել։
― Հանգստացեք, ձերդ ողորմածություն, սինյոր խնամի, ― պատասխանեց քահանան։ ― Աստուծով վաղը բախտը կփոխվի և այն, ինչ մենք այսօր կորցրինք, վաղը կվերադարձնենք, դեռ ավելին։ Իսկ հիմա թող ձեր ողորմածությունը մտածի իր առողջության մասին, որովհետև ինձ թվում է, որ դուք, եթե վիրավորված էլ չեք, անշուշտ ծայր աստիճան հոգնած կլինեք։
― Ոչ, ես վիրավորված չեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն իրոք բավական ջարդված ու տրորված եմ։ Այն ապօրինի ծնունդ դոն Ռոլդանը[57] ինձ հարվածեց կաղնու բնով և նախանձից դրդված։ Չէ՞ որ ես եմ նրա միակ մրցակիցը ասպետական գործերում։ Սակայն ինձ այլևս Ռեյնալդո Մոնտալբանցի մի՛ կոչեք, անկողնուց վեր կացա թե չէ, ես նրա հախիցը կգամ, ինչպես էլ նա կախարդված լինի։ Իսկ հիմա ինձ համար նախաճաշ բերեք, որովհետև ներկայիս ես ամենից շատ կարոտ եմ կազդուրվելու, իսկ նրանից վրեժ առնելն արդեն իմ գործն է։
Նրանք այդպես էլ արին՝ դոն Կիխոտի համար ուտելու բան բերին, ապա թե նա կրկին քնեց, իսկ նրանք կրկին զարմացան նրա խելագարությունից։
Նույն գիշերը տնտեսուհին վառեց բոլոր գրքերը, թե՛ բակը նետածները, թե՛ տանը մնացածները, որոնց մեջ անշուշտ այրվեցին նաև այնպիսիները, որ արժանի են առմիշտ պահելու հանրային դիվաններում։ Սակայն այդպես էր բախտի կամքը, քննությունը կատարված էր անփույթ և այդպիսով գրքերի բախտի վրա արդարացավ առածը՝ մեղավորների երեսից հաճախ տուժում են նաև արդարները։
Իբրև առաջին դեղ իրենց բարեկամի հիվանդության դեմ քահանան ու դալլաքը խորհեցին պատ շարել և ծածկել գրադարանի դուռը, այնպես որ վեր կենալուց հետո նա չկարողանա գտնել գրքերը (նրանք հույս ունեին, որ վերացնելով պատճառը, կվերացնեն նաև հետևանքները)։ Իրար մեջ որոշված էր ասել դոն Կիխոտին, որ մի կախարդ թռցրել է սենյակը, գրքերն էլ հետը։ Այդ ամենը կատարվեց մեծ փութկոտությամբ։ Երկու օր անց դոն Կիխոտը վեր կացավ և նրա առաջին գործը գնալ գրքերին նայելն էր։ Չգտնելով տեղը, որտեղ նրանք գտնվում էին, նա սկսեց թափառել ողջ տունը և որոնել նրանց բոլոր սենյակներում։ Նա մոտենում էր այն տեղին, որտեղ առաջ դուռ կար, և լռելայն ձեռք էր տալիս մատներով, աջ ու ձախ նայում։ Վերջապես երկար փնտրուքներից հետո նա հարցրեց տնտեսուհուց, թե որ կողմն է մատենադարնը։ Իսկ սա, նախապես սովորեցրած լինելով՝ պատասխանեց․
― Մատենադարա՞նը։ Այդ ի՞նչ եք որոնում, ձերդ ողորմածություն։ Մատենադարան չկա՜, և ո՛չ մի գիրք՝ դևն այդ ամենն տարել է։
― Իսկի էլ դևը չի, ― առարկեց քրոջ աղջիկը, ― այլ կախարդը։ Եկավ մի գիշեր ամպի վրա բազմած, ձեր ողորմության պարտեզից գնալուց հետո և իջնելով վիշապից, որի վրա հեծել էր, ներս մտավ մատենադարանը և էլ չգիտեմ, թե ինչ արեց նա այնտեղ, միայն թե պահ մի անց կտուրից թռավ դուրս, իսկ տունը լցվեց ծխով։ Երբ որ մենք սիրտ արինք նայելու, թե ինչ արեց նա, արդեն ոչ գիրք կար, ոչ սենյակ։ Ե՛ս էլ, տնտեսուհի՛ն էլ, միայն մի բան ենք լավ հիշում՝ երբ որ այդ չար ծերուկը թռչում֊գնում էր, նա բարձրաձայն գոռաց թե՝ գաղտնի թշնամանքից գրքերի և սենյակի տիրոջ դեմ նա մեծ վնաս հասցրեց և թե մենք հետագայում կտեսնենք, թե ինչ վնաս։ Եվ նա ավելացրեց, որ կոչվում է իմաստուն Մունյատոն։
― Մունյատոն չէ, այլ Ֆրեստոն, ― ընդհատեց դոն Կիխոտը։
― Ես ի՞նչ իմանամ, ― պատասխանեց աղջիկը, ― Ֆրեստոն է, թե Ֆրիտոն, հիշում եմ միայն, որ անունը վերջանում էր տոն֊ով։
― Այդպես է որ կա, ― ասաց դոն Կիխոտը, ― դա մի իմաստուն կախարդ է, իմ ոխերիմ թշնամին, որ ոխ ունի, որովհետև իր արվեստի և գրքերի շնորհիվ նա իմացել է, թե հասնելու է ժամը, և ես մենամարտելու եմ մի ասպետի հետ, որին նա հովանավորում է և թե ինձ վիճակված է հաղթելու՝ հակառակ նրա բոլոր ճիգերին։ Ահա թե ինչու նա աշխատում է ինձ ամեն տեսակ անախորժություն պատճառել։ Սակայն հավատացնում եմ, որ նա սխալվում է և չի խուսափի երկնքի նախախնամությունից։
― Ո՞վ կարող է կասկածել որ, ― ասաց քրոջ աղջիկը։ ― Սակայն ձերդ ողորմածություն, սինյոր քեռի, ո՞վ է հարկադրում ձեզ մտնելու բոլոր այդ կռիվների մեջ։ Ավելի լավ չէ՞ տանը խաղաղ նստել, քան թափառել աշխարհովս մեկ՝ թռչնի կաթ որոնելու համար։ Խոմ գիտեք՝ պատահում է, որ մարդ բրդի հետևից է ընկնում և ինքն է խուզված վերադառնում։
― Ա՜խ, քրոջ աղջիկ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― ի՜նչ վատ ես դու այդ բանը հասկացել։ Առաջ քան ինձ խուզեն, ես ինքս կպոկեմ և կփետեմ բոլորի միրուքը, ովքեր միայն հանդգնեն իմ մի հատիկ մազին դիպչելու։
Կանայք որոշեցին այլևս չառարկել, որպեսզի չդրդեն նրա զայրույթը։
Սրանից հետո դոն Կիխոտը ամբողջ տասնհինգ օր խաղաղ նստեց տանը՝ ոչ մի բանով չարտահայտելով իր ցանկությունը շարունակելու իր առաջվա գժությունները։ Այդ օրերի ընթացքում նա քանիցս զվարճալի զրույցներ ունեցավ իր երկու բարեկամների՝ քահանայի և դալլաքի հետ, այն մասին, թե աշխարհս ոչ մի բանի այնքան կարիք չունի՝ ինչքան թափառական ասպետների, և թե ինքը պիտի հարություն տա թափառական ասպետությանը։ Երբեմն քահանան ընդդիմախոսում էր նրան, իսկ երբեմն առերես համաձայնում, որովհետև առանց այդ խորամանկությունը բանեցնելու հնարավոր չէր լինի ապացուցելու նրան իր մոլորությունը։
Միևնույն միջոցին դոն Կիխոտն սկսեց համոզել մի գյուղացու, իր հարևանին, բարի մի մարդու (եթե կարելի է այդպիսի մի անուն տալ, աղքատ մի մարդու), բայց ծերը պակաս։ Վերջ ի վերջո նա այնքան համոզեց, այնքան խոսեց ու խոստացավ, որ խեղճ գյուղացին համաձայնեց գնալ նրա հետ, որպես զինակիր։ Ի միջի այլոց դոն Կիխոտը նրան խորհուրդ տվեց երկար ու բարակ չխորհել և անմիջապես ելնել թափառելու։ Ձեռնտու կլինի, որովհետև կարող է մի այնպիսի արկած պատահի, որ ինքը ձեռաց մի կղզի կնվաճի և նրան կնշանակի կառավարիչ։ Այս և նման խոստումների ազդեցության տակ Սանչո Պանսան (այդպես էր կոչվում գյուղացին) թողեց կնոջն ու երեխաներին և մտավ ծառայության իր հարևանին, իբրև զինակիր։
Ապա դոն Կիխոտը սկսեց փող հավաքել՝ մի բան ծախեց, մյուսը գրավ դրեց և մեծ վնասով բավական գումար հավաքեց։ Բացի այդ, իր բարեկամներից մեկից նա փոխ վերցրեց մի կլոր վահան, կարգի բերեց, ինչքան կարող էր, ջարդված սաղավարտը և նախազգուշացրեց իր զինակիր Սանչոյին, որ այսինչ օրն ու ժամը նա մտադիր է ճամփա ընկնելու, այնպես որ ինքն էլ պատրաստություն տեսներ։ Դոն Կիխոտը հատկապես պնդում էր, որ Սանչոն չմոռանա ճամփորդական պայուսակ վերցել։ Վերջինս խոստացավ, որ չի մոռանա և ասաց, որ իր երևելի էշն էլ կվերցնի հետը, որովհետև ոտով գնալու համար իր կազմվածքն այնքան էլ հարմար չէ։ Այդ հանգամանքը մի քիչ շփոթեցրեց դոն Կիխոտին, և նա աշխատում էր մտաբերել՝ ունեցե՞լ են արդյոք թափառական ասպետները զինակիրներ, որոնք էշով են գնալիս եղել, սակայն միտքը ոչ մի դեպք չէր գալիս։ Այնուհանդերձ նա համաձայնեց, հավատացած լինելով, որ առաջին իսկ հարմար դեպքում, առաջին իսկ հանդիպումի պահին որևէ անպարկեշտ ասպետի հետ, նրանից կխլի ձին և այդ ավելի պատվավոր կենդանին կտա իր զինակրին։ Վերջապես նա շապիկների և այլ անհրաժեշտ իրեղենների պաշար տեսավ՝ հետևելով պանդոկապանի տված խորհուրդներին։ Երբ որ ամեն ինչ կազմ ու պատրաստ էր, մի գիշեր նրանք երկուսով աննկատ դուրս եկան գյուղից։ Սանչոն անգամ մնաք բարով չասաց կնոջն ու երեխաներին, իսկ դոն Կիխոտը՝ տնտեսուհուն ու քրոջ աղջկան։ Ողջ գիշերը նրանք առաջ ընթացան, այնպես որ երբ լույսը բացվեց, այլևս երկյուղ չկար, որ նրանց կարող են գտնել, եթե որոնելու էլ լինեն։
Սանչո Պանսան, բեռնավորված պայուսակով և տիկով, բազմել էր իր էշի վրա, ասես պատրիարք լիներ։ Նա շատ էր ուզում շուտով խոստացած կղզու կառավարիչ դառնալ։ Դոն Կիխոտը պատահմամբ շուռ տվեց այն ճամփի վրա, որով նա գնաց առաջին անգամ, այսինքն՝ Մոնտելի հովիտը, միայն թե հիմա նա ավելի հաճույքով էր գնում, որովհետև ժամը վաղորդյան էր և արևի շեղ ճառագայթները նրան անհանգիստ չէին անում։ Այստեղ Սանչո Պանսան ասաց իր տիրոջը․
― Տեսեք հա՜, ձերդ ողորմածություն, սինյոր թափառական ասպետ, չմոռանաք ձեր խոստումը կղզու վերաբերյալ՝ ինչքան էլ մեծ լինի, ես գիտեմ, թե ինչպես կկառավարեմ։
Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Իմացած եղիր, իմ բարեկամ Սանչո Պանսա, որ հին ժամանակվա թափառական ասպետների միջև շատ տարածված սովորույթ է եղել իրենց զինակիրներին նշանակելու նվաճած կղզիների կամ թագավորությունների կառավարիչ, և ես հաստատ որոշել եմ այդ գովելի սովորույթը վերականգնել։ Ավելին, ես կամենում եմ ավելի հեռուն գնալ՝ իմ նախորդները երբեմն կամ ավելի ճիշտ՝ միշտ սպասում էին, մինչև որ իրենց զինակիրները ծերանան և ծառայությունից ուժասպառվեն, շատ դժնի օրեր և ավելի վատթար գիշերներ անց կացնեն, ապա թե շնորհում էին նրանց որևէ հովտի կամ գավառի մարկիզություն կամ կոմսություն և նույնիսկ ավելի պակաս բան։ Իսկ ես, ― եթե մենք երկուսս էլ կենդանի մնացինք, ― հնարավոր է, որ մի վեց օրից նվաճեմ այնպիսի թագավորություն, որին հպատակված լինեն մի քանի ուրիշները և, որ քեզ ավելի հարմար գա, կտամ քեզ՝ թագադրելով քեզ արքա։ Չկարծես, թե ես չափազանցում եմ թափառական ասպետներին այնպիսի պատմություններ ու դեպքեր են պատահում, որ ոչ ոք ո՛չ տեսել է, ո՛չ երևակայել, այնպես որ ես հեշտությամբ կարող եմ նվիրել քեզ խոստացածիցս էլ ավելին։
― Ասել է թե, ― պատասխանեց Սանչոն, ― եթե, ոնց որ ձերդ ողորմածությունն է ասում, ես հրաշքով թագավոր դառնամ, իմ կնիկս էլ, Խուանա Գուտիերրեսը, առնվազն թագուհի կլինի, իսկ բալիկներս՝ թագաժառանգեր։
― Ո՞վ է կասկածում որ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Ես եմ կասկածում, ― պատասխանեց Սանչո Պանսան, ― որովհետև, եթե Աստծու կամոք թագերը անձրևի պես թափվելու լինեին երկրի վրա, այն ժամանակ էլ, կարծեմ, ոչ մեկը Մարի Գուտիերրեսի գլխին չէր գա։ Ախր նա, ինչպես թագուհի, երկու գրոշ չարժե։ Կոմսությունը՝ այ դա՛, թերևս, նրան սազեր, այն էլ Աստծո օգնությամբ։
― Է՛հ, այդ գործում ապավինիր Աստծուն, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Աստված նրան կտա այն, ինչ իրեն ավելի հարմար լինի։ Իսկ դու մի նվաստացնի քեզ և ավելի պակասով, քան նահանգապետությամբ, մի՛ բավարարվիր։
― Մտքովս էլ չի անցնի, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― մանավանդ որ ես այնպիսի հզոր տեր ունեմ, ինչպես ձերդ ողորմածությունն է՝ անշուշտ դուք կնվիրեք ինձ այն, ինչ որ ինձ ավելի հարմար ու հաճելի լինի։
Գլուխ VIII
Փառավոր հաղթանակի մասին, որ տարավ արի դոն Կիխոտը սարսափելի և աներևակայելի արկածում քամաղացների դեմ, ինչպես և այլ անցքերի մասին, որ արժանի են հաճելի հիշատակության։
Այստեղ նրանք տեսան երեսուն թե քառասուն քամաղաց՝ կանգնած դաշտի մեջ։ Նկատելով նրանց՝ դոն Կիխոտն ասաց իր զինակրին․
― Բարի բախտը ավելի լավ է ղեկավարում մեր գործերը, քան մենք կարող էինք ցանկանալ։ Այն կողմը նայիր, Սանչո Պանսա բարեկամ, տեսնո՞ւմ ես, այնտեղ երեսուն ահեղ հսկաներ, գուցե էլ ավելի։ Իսկույն ես կմարտնչեմ նրանց դեմ և կկոտորեմ բոլորին, մինչև վերջինը։ Այս ավարը կդառնա մեր հարստության սկիզբը, որովհետև այս մարտն արդար է և հաճո Աստծուն, որ սույն չար սերմը վերացած լինի աշխարհի երեսից։
― Ի՞նչ հսկաներ են որ, ― հարցրեց Սանչո Պանսան։
― Այն, որ քո առջև են, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Տեսնո՞ւմ ես, ինչ ահագին ձեռներ ունեն։ Ոմանց ձեռների երկարությունը գրեթե երկու մղոն է։
― Հավատացեք, ձերդ ողորմածություն, ա՛յն, ինչ այստեղ երևում է, իսկի էլ հսկաներ չեն, այլ քամաղացներ, իսկ ա՛յն, ինչ դուք ձեռների տեղ եք դնում, թևեր են, որ պտույտ են գալիս քամուց և պտտացնում ջաղացքարերը։
― Իսկույն երևում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ արկածների գործում դու դեռ սկսնակ ես։ Այդ ― հսկաներ են։ Եթե դու վախենում ես, ապա մի կողմ քաշվիր և աղոթք ասա, իսկ ես այդ միջոցին կմտնեմ դժնակ և անհավասար մարտի մեջ նրանց դեմ։
Այս խոսքերով նա խթանեց Ռոսինանտի կողերը, առանց Սանչոյի ճիչերին ուշ դարձնելու, որ հավատանցում էր նրան, որ անտարակույս նա ոչ թե հսկաների վրա կհարձակվի, այլ քամաղացների վրա։ Դոն Կիխոտը, հաստատ համոզված լինելով, որ իր առջև հսկաներ են, ականջ չդրեց իր զինակիր Սանչոյի ճիչերին և չճանաչեց ջրաղացները, չնայած որ սրանք բոլորովին մոտիկ էին։ Նա թռչում է առաջ՝ բարձրաձայն բացականչելով․
― Մի՛ք փախչի, վատահոգի և ստոր արարածներ, որովհետև ձեզ վրա հարձակվողը մեն֊մենակ ասպետ է։
Այդ միջոցին թեթև քամի բարձրացավ և ահագին թևերն սկսեցին պտտվել։ Նկատելով այդ՝ դոն Կիխոտը շարունակեց․
― Եթե դուք ավելի շատ ձեռներ ունենայիք, քան ինքը՝ հսկա Բրիայերը և դուք թափահարեիք նրանք, դարձյալ չէիք կարող խուսափել հատուցումից։
Այս ասելով և հոգին տիկին Դուլսինեային պահ տալով, խնդրելով նրա օգնությունը վտանգավոր վայրկյանին՝ նա՝ ծածկված վահանի ետևը, նիզակը ճոճելով, բաց թողեց Ռոսինանտի գլուխը, հարձակվեց մերձագույն քամաղացի վրա և նիզակը խրեց նրա թևը։ Այդ րոպեին քամին թափով պտույտ տվեց թևը և թևը փշուր֊փշուր անելով նիզակը, քաշեց իր ետևից և՛ ձիուն, և՛ ձիավորին, որոնք ամենաթշվառական վիճակում դեն թռան բավական հեռու տեղ։ Սանչոն իր էշի ողջ արագությամբ շտապեց իր տիրոջը օգնության և մոտենալով համոզվեց, որ տերը ի վիճակի չէ տեղից շարժվելու՝ այնքան ուժգին էր նա Ռոսինանտի հետ գետին տապալվել։
― Տեր ողորմյա՛, ― բացականչեց Սանչոն, ― չէ՞ի ասում ձեզ, ձերդ ողորմածություն, որ ավելի զգույշ լինեք, և որ դրանք քամաղացներ են։ Ախր դա միայն ա՛յն մարդու համար չի պարզ, որի գլուխը ջրաղաց է։
― Լռի՛ր, Սանչո բարեկամ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Ռազմական արհեստը, ավելի քան որևէ այլ բան, ենթակա է բախտի փոփոխականության։ Նամանավանդ որ, թվում է ինձ, (ասենք, իրոք հենց այդպես էլ է), այդ իմաստուն Ֆրեստոնը, որ փախցրեց իմ առանձնասենյակն ու գրքերը, հսկաներին էլ քամաղացներ դարձրեց, որպեսզի հաղթանակի փառքից ինձ զրկած լինի․ այդ աստիճան ուժգին է նրա թշնամանքը իմ նկատմամբ։ Սակայն վաղ թե ուշ նրա չար դյութանքը տեղի պիտի տա իմ թրին։
― Թո՛ղ Աստծու կամքը լինի, ― պատասխանեց Սանչոն։ Ապա նա օգնեց իր տիրոջը վեր կենալ և նորից հեծնել Ռոսինանտը, որի առաջին ոտները գրեթե ջարդված էին։ Չզրուցելով այդ արկածի շուրջը, նրանք առաջացան Պուերտո Լապիսեի ճամփով, որովհետև, դոն Կիխոտի ասելով, այնտեղ նրանց սպասում էին բազմաթիվ ու զանազան արկածներ, քանի որ այդ վայրում ճամփան շատ բանուկ է։ Մի բան միայն նրան վշտացնում էր՝ նիզակի կորուստը։ Իր ցավը Սանչոյին բաց անելուց հետ նա ասաց․
― Ես կարդացել եմ, միտս է գալիս, Դիեգո Պերես դե Վարգաս անունով մի իսպանացի ասպետ, որի նիզակը մարտի միջոցին կոտրվեց։ Նա կոտրեց կաղնի ծառից մի ծանր ճյուղ, թերևս հենց բունը և այդ մահակով այնքան սխրագործություններ կատարեց այդ օրը և այնքան մավրեր սպանեց, որ նրան Մահակ անվանեցին և այն օրից ի՛նքն էլ, նրա սերո՛ւնդն էլ կոչվում են Վարգաս Մահակ։ Նրա համար եմ այդ ասում քեզ, որ ես էլ առաջին իսկ ճամփին մեզ հանդիպած կաղնուց կկոտրեմ մի ճյուղ ― իսկ և իսկ Վարգասինի նմանը ― և այդ ճյուղը ձեռքիս, հույս ունեմ, որ կկատարեմ այնպիսի մեծ սխրագործություններ, որ դու կօրհնես բախտը, որ քեզ արժանացրել է պատվին լինելու մասնակից և վկա այդ գործերի, որոնք հետագայում անհավանական են թվալու։
― Ամեն ինչ Աստծո ձեռին է, ― պատասխանեց Սանչոն, ― ես հավատում եմ ամենին, որ ձեր ողորմածությունը պատմում է։ Միայն թե ուղիղ նստեցեք, թե չէ ասես բոլորովին կախ ընկած լինեք մի կողքի․ երևի վայր ընկնելը ձեզ սաստիկ ցավ է պատճառել։
― Այո, այդ ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― և եթե ես չեմ գանգատվում ցավից, ապա նրանից է, որ թափառական ասպետներին վայել չէ գանգատվել վերքերից, թեկուզ նրանց աղիքները դուրս գալու լինեն։
― Դե որ այդպես է, ես ասելիք չունեմ, ― պատասխանեց Սանչոն, ― սակայն մենակ Աստծուն է հայտնի, թե ես ինչքան կուրախանայի, եթե ձերդ ողորմածությունը գանգատվեր, երբ որ մի տեղը ցավի։ Գալով ինձ՝ ես ամենաչնչին ցավից կճչամ, եթե միայն չգանգատվելու կանոնը չի վերաբերում նաև թափառական ասպետների զինակիրներին։
Դոն Կիխոտը չկարողացավ ծիծաղը պահել իր զինակրի պարզամտությունից, որ Սանչոյին թույլ է տրվում հեծել երբ և ինչպես կամենա, ունենալով պատճառ, թե առանց պատճառի, քանի որ ասպետական գրքերում նա մինչև հիմա հակառակ ցուցմունքների չի հանդիպել։ Սանչոն նկատեց, որ ժամանակ է արդեն բան ուտելու։ Դոն Կիխոտը պատասխանեց, թե ինքն առայժմս չի ուզում, բայց թե Սանչոն կարող է ուտել, երբ որ կամենա։ Տիրոջ թույլտվությունն առնելով, Սանչոն ավելի հարմար նստեց էշի վրա և պայուսակից հանելով իր պատրաստած պաշարը, սկսեց ուտել՝ շարունակելով կամաց֊կամաց գնալ դոն Կիխոտի ետևից։ Մերթ ընդ մերթ նա բերանը դնում էր տկին այնպիսի հաճույքով, որ նրան կնախանձեր յուրաքանչյուր ղոչաղ միկիտանչի Մալագայում։ Այսպես, դանդաղ քայլով, տմբտմբալով և կում֊կում գինի խմելով՝ նա իսպառ մոռացավ բոլոր խոստումների մասին, որ տվել էր նրան դոն Կիխոտը, և թվում էր նրան, թե արկածների որոնումներով թափառելը, անգամ վտանգավոր արկածների, բնավ աշխատանք չէ, այլ զուտ հաճույք։
Վերջապես, երբ որ վրա հասավ գիշերը, մեր ճամփորդները պառկեցին ծառերի տակ, և դոն Կիխոտը, կոտրելով մի չորացած ճյուղ, որը մի կերպ կարող էր փոխարինել նիզակը, կպցրեց երկաթե ծայրը, որ պոկել էր կոտրած նիզակից։ Ամբողջ այդ գիշերը նա աչքերը խուփ չարեց, խորհելով իր տիրուհու՝ Դուլսինայի մասին, որպեսզի ոչ մի բանով տարբերված չլինի ասպետներից, որոնց մասին նա կարդացել էր վեպերում։ Քանի՜֊քանի՜ անքուն գիշերներ են անցկացրել նրանք անտառներում և անապատներում խորասուզված հուշերի մեջ իրենց սրտի սիրուհիների մասին։ Բոլորովին այլ կերպ անց կացրեց գիշերը Սանչոն։ Սրա փորը լիքն էր, այն էլ ցիկորի ջրով չէր լի,[58] ուստի նա մեռածի պես քնեց մինչև առավոտ։ Եվ եթե դոն Կիխոտը նրան մի քանի անգամ ձայն չտար, նա չէր զարթնի ո՛չ արևի ճառագայթներից, որ ընկել էին նրա երեսին, ո՛չ էլ բազմաթիվ թռչունների ճռվողյունից, որ խնդությամբ ողջունում էին նոր օրվա ծագումը։ Ւսկ վեր կենալով, նա նախ և առաջ բերանը տարավ տկին և նկատելով, որ երեկվա պես կլորիկ չէ, վշտացավ, որովհետև նրան թվում էր, որ այդ պակասը շուտով չի աջողի լրացնել։ Դոն Կիխոտը չկամեցավ նախաճաշել, որովհետև, ինչպես մենք արդեն ասացինք, նա սնվում էր լոկ անուշ հուշերով։ Նրանք առաջ ընթացան Պուերտո Լապիսի ճամփով և ժամի երեքին մոտ կիրճին հասնելու վրա էին։ Տեսնելով հեռվից կիրճը՝ դոն Կիխոտն ասաց․
― Այստեղ, եղբայր Սանչո Պանսա, մենք կարող ենք մեր ձեռները մինչև արմունկ կոխել արկած ասածիդ մեջ։ Սակայն նկատի ունեցիր՝ աշխարհիս ի՜նչ չարաչար վտանգների մեջ էլ ընկնելու լինեմ, դու չպիտի թուր քաշես ինձ պաշտպանելու համար, բացառությամբ միայն, եթե տեսնելու լինես, որ վրաս հարձակվող թշնամին ամբոխ է, թշվառ խուժան։ Այդ դեպքում միայն դու կարող ես ինձ օգնություն հասցնել։ Իսկ եթե նրանք ասպետներ լինեն, ապա ասպետական օրենքներով ոչ մի դեպքում վայել չէ և չի թույլատրվում, որ դու ինձ օգնես, քանի որ դու դեռ ասպետ չես կարգված։
― Կարող եք բոլորովին ապահով լինել, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― այդ հարցում ես կհնազանդեմ ձերդ ողորմածության, մանավանդ որ խաղաղ բնավորության տեր մարդ եմ և չեմ սիրում տուրուդմփոցի մեջ մտնել։ Բայց խղճի մտոք ասած՝ եթե հարկ լինի կաշիս պաշտպանելու, այն ժամանակ ոչ մի ասպետական օրենքի դնչին մտիկ չեմ տա, որովհետև և՛ աստվածային, և՛ մարդկային օրենքները թույլ են տալիս պաշտպանվելու վիրավորողներից։
― Նույնն էլ ե՛ս եմ ասում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Հիշի՛ր միայն, որ եթե կամենալու լինես ինձ պաշտպանել ասպետներից, դու պետք է սանձահարես քո բնական մոլեգնությունը։
― Խոստանում եմ, ― ասաց Սանչոն, ― կկատարեմ այդ պատվիրանը նույն սրբությամբ, ինչպես կիրակի օրը։
Այսպես խոսակցելով, նրանք ճամփին հանդիպեցին ս․ Բենիտոյի ուխտի երկու վարդապետների, որոնք ուղտերի չափ բարձր ջորիներ էին հեծել, ճամբորդական ակնողներ էին դրել աչքերին և գլխներին ամպհովանի բռնել․ նրանց ետևից ընթանում էր մի կառք, շրջապատված չորս թե հինգ ձիավորներով և երկու ջորեպանով, որոնք ոտով էին գնում։ Ինչպես հետագայում պարզվեց, կառքով ինչ֊որ բիսկայեցի տիկին էր գնում, որ ուղևորվում էր Սևիլիա, որտեղ գտնվում էր նրա ամուսինը, որ շատ պատվավոր պաշտոն ստանալով պիտի Ամերիկա մեկներ։ Վարդապետները, թեև նույն ճամփով էին գնում, ինչ որ տիկինը, բայց անկախ էին ճամբորդում։ Դոն Կիխոտը նրանց տեսավ թե չէ, ասաց իր զինակրին․
― Կամ ես մոլորվում եմ, կամ մեզ այնպիսի նշանավոր արկած է սպասում, որպիսին դեռևս ոչ ոք չի տեսել, որովհետև սև կերպարանքները, որ երևում են, անկասկած կախարդներ են, որ փախցրել են ինչ֊որ իշխանուհի և տանում են կառքով։ Ես պիտի բոլոր ուժերս լարեմ, որպեսզի այս չար գոծը խափանեմ։
― Այդ հո քամաղացներից վատ կլինի, ― պատասխանեց Սանչոն։ ― Մի՞թե դուք չեք տեսնում, սինյոր, որ ձեր առջև ս․ Բենիտոյի վարդապետներ են, իսկ կառքով, երևի, որևէ ճամփորդներ են գնում։ Լսեցե՛ք ինձ և մի լավ խորհեցեք ձեր արածը, թե չէ դարձյալ չար սատանան ձեզ կմոլորեցնի։
― Ես արդեն ասացի քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ դու արկածներից բան չես հասկանում, իմ ասածը ճիշտ է, և դու հիմա կհամոզվես։
Այս խոսքերով նա առաջ անցավ, ճամփի մեջտեղում, որտեղից պիտի անցնեին վարդապետները, կանգ առավ և երբ որ նրանք այնքան մոտեցան, որ նրա հաշվով կարող էին լսել իր խոսքերը, բարձրաձայն աղաղակեց․
― Ո՜հ դուք, դժոխքի նենգամիտ սերունդ, իսկույն ևեթ ազատեցեք ազնիվ իշխանուհիներին, որոնց դուք բռնի տանում եք կառքով, թե չէ պատրաստվեցեք շուտափույթ մահվան՝ որպես արժանի պատիժ ձեր չարագործության։
Վարդապետները ջորիների սանձերը քաշեցին և կանգ առան, զարմացած դոն Կիխոտի թե՛ տեսքից, թե՛ խոսքից, և այսպիսի պատասխան տվին․
― Սինյոր ասպետ, մենք բնավ դժոխքի նենգամիտ սերունդ չենք, այլ ս․ Բենիտոյի ուխտի միաբաններ։ Մենք ճամփորդում ենք մեր գործերով և բան չգիտենք այս կառքով իշխանուհիներ փախցնելու մասին։
― Դուք ինձ անուշ խոսքերով չեք խաբի։ Ես ձեզ ճանաչում եմ, ստոր սրիկաներ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Եվ, առանց պատասխանի սպասելու, նա խթանեց Ռոսինանտին և, ցած թեքելով նիզակը, այնպիսի կատաղի արիությամբ հարձակվեց առաջին վարդապետի վրա, որ եթե նա ինքն իրեն ջորուց գետին չնետեր, ապա դոն Կիխոտը նրան անշուշտ վայր կգցեր թամքից և ծանր կվիրավորեր, կամ թե չէ, թերևս, կսպաներ իսկ։ Երկրորդ վարդապետը, տեսնելով, թե ինչպես են վարվում իր ուղեկցի հետ, կրունկները խրեց իր գեր ջորու կողերը և քամուց արագ սլացավ դաշտը։
Սանչո Պանսան նկատելով որ վարդապետը պառկած է գետնին, թեթև թռավ իշից և վազ տալով մոտը, սկսեց հանել նրա շորերը։ Այդ միջոցին մոտեցան վարդապետներին հետևող երկու ծառաները և հարցրեցին Սանչոյից, թե նա ինչու է նրա շորերը հանում։ Սանչոն պատասխանեց, որ ըստ օրենքի, ավարը իրեն է պատկանում, որովհետև իր տեր դոն Կիխոտն է նվաճել մարտում։ Ծառաները, որ կատակ չէին հասկանում և գաղափար չունեին, թե ավարս որն է, մարտս՝ որը, նկատելով, որ դոն Կիխոտը ծռեց մի կողմ և սկսեց խոսակցել կառքի ճամփորդուհու հետ, վրա տվին, Սանչոյին գետին գցեցին, փետտեցին նրա միրուքը և այնպես ջարդեցին, որ նրա շունչը կտրվեց և զգայարանները բթացան։ Այդ միջոցին ահ ու սարսափով բռնված վարդապետը, առանց մի վայրկյան կորցնելու, հեծավ ջորին և, մահու չափ գունատ, քշեց իր չորքոտանուն դաշտը, որտեղ պատկառելի տարածության վրա սպասում էր իր ուղեկիցը, տարակուսանքի մեջ, թե ինչով կվերջանա ամբողջ այս ահուզարը։ Ապա առանց սպասելու այս պատմության վախճանին, նրանք երկուսով էլ առաջ գնացին, երեսները այնպիսի տագնապով խաչակնքելով, ասես նրանց ետևից ինքը դևն էր ընկել֊հետապնդում։
Իսկ դոն Կիխոտը, ինչպես արդեն ասացինք, սկսեց զրուցել կառքում նստած տիկնոջ հետ։
― Ձեր գեղեցկությունը, տիրուհիդ իմ, ― ասում էր նա, ― ազատ է հիմա տրամադրել իր անձով, որպես կամենա, որովհետև ձեզ փախցնողների հանդգնությունը կաշկանդված է արդեն իմ բազկի զորությամբ։ Եվ որպեսզի ձեզ վիշտ չպատճառի ձեր փրկչի անունը չիմանալը, ես կասեմ, որ իմ անունը դոն Կիխոտ Լամանչեցի է։ Ես թափառական ասպետ եմ, արկածախնդիր գերված գեղանի և աննման տիրուհի Դուլսինեա Տոբոսցով։ Իբրև վարձ այն ծառայության համար, որ ես հիմա ձեզ մատուցեցի, ես ձեզնից միայն մեկ բան կխնդրեմ՝ գնացեք Տոբոս, ներկայացեք իմ կողմից իմ սրտի տիրուհուն և ասացեք նրան, որ ես ձեզ ազատություն շնորհեցի։
Կառքն ուղեկցող ձիապաններից մեկը, բիսկայեցի, ուշադրությամբ լսում էր դոն Կիխոտի խոսքերը։ Տեսնելով, որ նա չի ուզում թողնի կառքն առաջ ընթանա և պահանջում է, որ նրանք բոլորն էլ անմիջապես ետ գնան Տոբոս, մոտեցավ նրան և բռնելով նրա նիզակը, Կաստիլիայի վատ լեզվով և ավելի վատթար բիսկայերեն այսպես խոսեց․
― Գնա բանի՛դ, ասպետ, ոչ բարով երթաս։ Երդվում եմ արարիչ Աստուծով, կառքը բաց թող, թե չէ բիսկայացի չեմ լինի, թե որ քեզ տեղն ու տեղը չսպանեմ։[59]
Դոն Կիխոտը նրա լեզուն շատ լավ հասկացավ և մեծ արժանապատվությամբ պատասխանեց․
― Թշվա՜ռ արարած։ Եթե դու ասպետ լինեիր, որ չե՛ս, կպատժե՛ի քո հանդգնությունն ու լրբությունը։
Բիսկայեցին իսկույն վրա բերեց․
― Ինչպե՜ս թե ասպետ չեմ։ Երդվում եմ Աստուծով, որ ստում ես քրիստոնյայի պես։ Նիզակդ նետի՛ր, հանի՛ր թուրդ։ Կտեսնես թե ոնց քո ապուրը կեփեմ։ Ցամաքի վրա ես բիսկայեցի եմ, ծովի վրա՝ հիդալգո, սատանայից կարգված հիդա՜լգո։ Ուրիշ բան ասողը սուտ է ասում։
― Իսկույն դու այդ կտեսնես, ինչպես ասաց Ագրահեսը,[60] ― պատասխանեց դոն Կիխոտը։
Եվ նիզակը գետին շպրտելով, նա թուրը քաշեց, վահանով ծածկվեց և հարձակվեց բիսկայեցու վրա՝ նրան սպանելու հաստատ մտադրությամբ։ Այդ տեսնելով բիսկայեցին, որովհետև իր ջորին վարձու էր առնված և վստահելի չէր, կամեցավ իջնել, բայց այդ նրան չաջողվեց և նա ժամանակ ունեցավ միայն թուրը պատյանից հանելու։ Նրա բախտից կառքը հենց իր կողքին էր կանգնած, որի միջից նա հանեց մի բարձ, որ կարող էր փոխարինել վահանի։ Եվ ահա մեր հակառակորդները դեմ առ դեմ կանգնեցին՝ որպես երկու մահացու թշնամիներ։ Ներկա եղողները փորձեցին նրանց հաշտեցնել, բայց գլուխ չեկավ։ Բիսկայեցին իր ջարդված լեզվով երդվում էր, թե եթե նրան խանգարելու լինեն մարտնչելու, նա իր տիրուհուն էլ շան սատակ կանի և բոլորին, ովքեր միջամտելու լինեին։ Կառքում նստած տիկինը, ապշած ու ահաբեկված այդ տեսարանից, հրամայեց, որ կառապանը մի քիչ դենը քշի և սկսեց հեռվից հետևել կատաղի մարտին։ Այդ վայրկյանին բիսկայեցին դոն Կիխոտի վահանի վերևից այնպիսի հարված հասցրեց նրա ուսին, որ եթե վահանը չխանգարեր, մեր ասպետի ուսն անշուշտ մինչև գոտին կկտրվեր։ Դոն Կիխոտը, խլացած կատաղի հարվածից, բարձրաձայն աղաղակեց․
― Օ՜, Դուլսինեա, իմ հոգու հատոր և գեղեցկության ծաղիկ, օգնեցեք ձեր ասպետին, որը ձեր մեծամեծ առաքինություններին արժանանալու համար այս ահավոր վտանգի մեջ է ընկել։
Այդ ասելը, թուրը քաշելը, վահանով մի լավ ծածկվելը և բիսկայեցու վրա հարձակվելը միաժամանակ եղավ։ Դոն Կիխոտը որոշել էր իր ամեն ինչ վտանգել՝ գործը մեկ հարվածով ավարտելու համար։ Իր հակառակորդի տեսքից բիսկայեցին կռահեց նրա խիզախ մտադրությունը և երդվեց ոչ նվազ քաջությամբ դիմադրել հարձակմանը։ Բարձով լավ ծածկված՝ նա սպասում էր թշնամուն, տեղում կանգնած, չկարողանալով իր ջորու գլուխը ծռել ո՛չ աջ, ո՛չ ձախ, որովհետև կենդանին անկարող էր մի քայլ անելու՝ այնքան հյուծված էր և անսովոր նմանօրինակ խաղերի։ Ուրեմն, ինչպես ասացինք, դոն Կիխոտը հարձակվեց խորամանկ բիսկայեցու վրա, բարձրացնելով սուրը և պատրաստելով նրան կտրել֊երկու կտոր անել, իսկ բիսկայեցին սպասում էր, դեմ անելով բարձը և նույնպես սուրը բարձր պահելով, մինչդեռ հանդիսատեսները, ահից շունչները պահած, սպասում էին, թե վերջապես երբ պիտի իջնեն օդում սպառնալիորեն կախված այս սրերը։ Կառքի տիկինը և նրա նաժիշտները աղոթում էին և զանազան ուխտեր անում Իսպանիայի բոլոր աստվածահաճո և սուրբ բնակիչներին, միայն թե տեր Աստված ազատի նրանց և կառապանին այդ սարսափելի վտանգից։ Բայց հենց ցավն էլ այն է, որ այդ իսկ տեղում մեր պատմության հեղինակը ընդհատում է մեր մարտի նկարագրությունը, արդարանալով, որ չի աջողել դոն Կիխոտի գործերի մասին սրանից բացի այլ տեղեկություններ քաղել։ Ճիշտ է, այս աշխատասիրության երկրորդ հեղինակը չէր կարող հավատ ընծայել, որ այսքան հետաքրքրական պատմություն կարող է մոռացության մատնված լինել և որ Լամանչի սուրբ մտքերը կարող էին մինչ այն աստիճան անհետաքրքիր եղած լինել, որպեսզի իրենց դիվաններում ու մատենադարանում պահած չլինեին որևէ ձեռագիր այդ հռչակավոր ասպետի վերաբերյալ։ Այդ նկատառումներով նա հույսը չկտրեց այս հետաքրքրաշարժ պատմության վերջավորությունը գտնելու։ Եվ իրոք, ողորմած երկնքի օգնությամբ, նա գտավ, իսկ թե ինչպես, այդ կպատմենք երկրորդ մասում։[61]
Գլուխ IX
Որ պատմում է քաջ բիսկայեցու և արի Լամանչեցու զարմանալի մարտի վերջն ու վախճանը
Այս պատմության առաջին մասում մենք խիզախ բիսկայեցուն և փառապանծ դոն Կիխոտին թողինք այն վայրկյանին, երբ նրանք պատյանից հանած սրերը քաշել էին իրար վրա և պատրաստվել այնպիսի կատաղի հարված հասցնել, որ եթե նրանք վահան չունենային, անշուշտ իրար մեջտեղից կկիսեին նռան պես։ Այդ վճռական վայրկյանին մեր հետաքրքրական պատմությունն ընդհատվեց և հեղինակը չհաղորդեց անգամ, թե որտեղ կարելի է գտնել շարունակությունը։
Այս հանգամանքը ինձ ծայր աստիճան վշտացրեց և այն հաճույքին, որ ես ստացա կարճատև ընթերցանությունից, հաջորդեց տհաճություն, երբ որ միտք արի, թե ի՜նչ դժվարին ուղի է սպասում ինձ, որպեսզի գտնեմ այդ հետաքրքրաշարժ պատմության պակաս և, ինչպես կարծում էի, շատ ստվար մասը։ Սակայն ինձ անհնար ու բոլոր կանոններին հակառակ էր թվում, որ այդքան արի մի ասպետ չունենար գիտնական մի մարդ, որ իր վրա վերցներ այդպիսի չտեսնված սխրագործությունների նկարագրությունը․ մի բան, որ չի պակասել թափառական ասպետներից և ոչ մեկին, կամ, ինչպես ասում են, արկածների ետևից ընկածներին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ունեցել է մեկ կամ երկու իմաստուն ծերունի, որ ոչ միայն նկարագրել են նրանց սխրագործությունները, այլև նրանցից չեն վրիպել նրանց ամենաանշան և ամենագաղտնի մտքերը և նրանց մանկական չարաճճիությունները։ Հո չէ՜ր կարող այսքան մի արի ասպետ չունենալ այն, ինչ որ առատ ունեին Պլատիրն ու նրա նմանները։ Ուստի, ես չէի կարողանում հարկադրել ինքս ինձ հավատալու, որ այդպիսի գերազանց պատմություն մնացած լիներ հատված և հաշմանդամացած և ողջ մեղքը նենգ ժամանակի վրա էի գցում, որը աշխարհիս ամեն ինչը կլանում ու ոչնչացնում է։ Անշուշտ, մտածում էի ես, ժամանակը կամ ոչնչացրել է այդ պատմությունը, կամ թաքցրել մեզնից։
Մյուս կողմից, մտաբերելով, որ դոն Կիխոտի գրքերի միջև այնպիսի արդիական երկեր կային, ինչպես Միջոց խանդի դեմ կամ Հենարեսի Նիմֆերն ու հովիվները, ես ենթադրում էի, որ նրա պատմությունն էլ չպետք է շատ հին լինի և որ եթե ոչ ոք գրի առած էլ չլինի, այնուամենայնիվ, նրա հայրենի ավանի և շրջակայքի բնակիչների հիշողության մեջ պետք է որ այդ պատմությունը մնացած լինի։ Այդ մտքերն ինձ շփոթեցնում էին և հրահրում իմ տենչը մեր փառապանծ իսպանացի դոն Կիխոտ Լամանչեցու կյանքի և հրաշքների մասին իմանալ զուտ ճշմարտությունը։ Չէ՞ որ նա Լամանչի ասպետության լուսատուն և հայելին էր, առաջինը, որ մեր դարում և մեր աղետավոր ժամանակում նվիրեց իրեն թափառական ասպետության դժվարին գործին, վրեժ լուծելով վիրավորողներից, օգնելով այրիներին և պաշտպանելով կույսերին։ Խոսքս այն կույսերի մասին է, որ հին ժամանակ մտրակը ձեռքին յորղա ձի հեծած, իրենց կուսության բեռը ուսերին, չափում էին սար ու ձորեր։ Եվ եթե որևէ շրջմոլիկ, սրիկայի մեկը կամ հրեշավոր մի հսկա չէր բռնաբարում նրանց, ապա ութսունամյա մոլորումներից հետո, բոլոր այդ ժամանակվա ընթացքում տանիքի տակ և ոչ մի գիշեր չքնած, գերեզման էին իջնում նույնքան կույս, որքան նրանց ծնող մայրը։ Այս և շատ ուրիշ հիմունքներով ես պնդում եմ, որ մեր արի դոն Կիխոտը արժանի է հավերժական և երջանկահիշատակ գովասանքի, ասենք ի՛նձ էլ վատ չէր լինի գովել այն աշխատանքի և ջանասիրության համար, որ թափել եմ այս հաճելի պատմության վերջավորության որոնումներում։ Թեև ես հավատացած եմ, որ եթե երկինքն ու բախտն ինձ օգնած չլինեին, աշխարհս զուրկ կմնար զվարճալիք ու բովանդակությունից, որ այժմ, գրեթե երկու ժամի ընթացքում կարող է վայելել յուրաքանչյուր ոք, ով ուշի֊ուշով կարդա այս պատմությունը։ Իսկ այդ վերջավորությունը ես ահա թե ինչպես գտա։
Մի անգամ Տոլեդոյում դուրս եկա Ալկանա փողոցը և պատահաբար տեսա մի տղա, որ մի մետաքսավաճառի առաջարկում էր գնել հին տետրակներ ու թղթեր։ Իսկ որովհետև ես ընթերցանության սիրահար եմ և անգամ փողոցում ընկած թղթի կտորներն եմ կարդում, ապա իմ բնական հակումից դրդված՝ ես վերցրի տղայի ծախու տետրակներից մեկը և տեսա, որ գրված է արաբական գրերով։ Թեև ես գիտեի, որ արաբերեն է գրած, այնուհանդերձ կարդալ չէի կարող։ Եվ ահա սկսեցի որոնել որևէ մորիսկ, որ նրանից խնդրեմ կարդա։ Նման թարգմանիչ գտնելը այնքան էլ դժվար բան չէր մի վայրում, որտեղ կգտնվեին թարգմանիչներ ուրիշ լեզուներից էլ, սրանից ավելի լավ և ավելի հին։ Շուտով բախտը ինձ դեմ արեց այդպիսի մեկին, որ իմանալով, թե ինձ ինչ է հարկավոր, վերցրեց ձեռքիցս տետրակը, բաց արեց մեջտեղը, մի քիչ կարդաց և սկսեց ծիծաղել։ Ես հարցրի նրանից, թե ինչի վրա է ծիծաղում և նա պատասխանեց, թե մի նախադասության վրա, որ գրված է լուսանցքի վրա՝ որպես ծանոթություն։ Ես խնդրեցի նրանից, որ թարգմանի և նա, շարունակելով ծիծաղը, ասաց․
Այստեղ, լուսանցքի վրա, ինչպես ես նոր ասացի, գրված է հետևյալը՝ «Այս Դուլսինեա Տոբոսցին, որ այնքան հաճախ հիշատակվում է ներկա պատմության մեջ, ըստ լուրերի, խոզի միսը աղ դնելու մեջ այնպիսի վարպետ էր, որ ողջ Լամանչում նրա նման կին չկար»։
Լսելով Դուլսինեա Տոբոսցու անունը՝ ես զարմացա և ապշեցի, որովհետև իսկույն կռահեցի, որ այս տետրը պարունակում է դոն Կիխոտի պատմությունը։ Այս մտքից մղված ես խնդրեցի նրանից, որ շուտով կարդա վերնագիրը և նա, կատարելով իմ ցանկությունը, ուղղակի արաբերենից թարգմանեց իսպաներեն, որ հնչում էր այսպես՝ «Դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը, շարադրություն արաբ պատմիչ Սիդ Համիտ Բենենխելիի»։[62] Ինձ հարկավոր եկավ իմ ողջ զսպվածությունը, որպեսզի թաքցնեմ ուրախությունս, որ այդ վայրկյանին համակեց ինձ, երբ ես լսեցի այդ գրքի վերնագիրը։ Եվ, վազելով մետաքսավաճառի մոտ, ես կես ռեալով գնեցի տղայից նրա բոլոր թղթերն ու տետրակները։ Եթե նա ավելի հասկացող լիներ և գլխի ընկներ, թե ի՜նչ ցանկություն կար մեջս ձեռք բերելու նրանց, նա կարող էր ինձնից վեց ռեալից ավելի պահանջել և կստանար։ Ապա, մորիսկի հետ ես հեռացա վանքի բակը և խնդրեցի նրանից թարգմանել իսպաներեն ինձ համար բոլոր տետրակները, որոնց մեջ պատմվում էր դոն Կիխոտի մասին, ոչինչ բաց չթողնելով և ոչինչ չավելացնելով։ Ես նրան առաջարկեցի, որ կվճարեմ նրան՝ ինչքան նա ուզի։ Նա բավարարվեց երկու արրոբ չամիչով և երկու ֆանեգ ցորենով՝[63] խոստանալով լավ թարգմանել՝ ճշգրիտ և ամենակարճ ժամանակամիջոցում։ Սակայն այդ գործը դյուրացնելու, ինչպես և երջանիկ գյուտը ձեռքից բաց չթողնելու համար, ես մորիսկին բնակեցրի տանս և այստեղ, մի քիչ ավելի, քան մեկուկես ամսում, նա բառացի, ինչպես ես այստեղ բերում եմ, թարգմանեց ողջ այդ պատմությունը։
Առաջին էջի վրա նկար կար, որ շատ բնական ներկայացնում էր դոն Կիխոտի մարտը բիսկայեցու դեմ, հակառակորդները նկարված էին նույն դիրքով, ինչպես ասված է պատմության մեջ՝ երկուսն էլ վեր քաշած թրերով, մեկը՝ ծածկված վահանով, մյուսը՝ բարձով։ Բիսկայեցու ջորին նկարված էր այնպես, ասես կենդանի լիներ, այնպես որ հրացանի զարկի հեռավորությունից երևում էր, որ վարձու է։ Բիսկայեցու պատկերի տակ մակագրված էր՝ Դոն Սանչո դե Ասպեյտյա ― այդպես է եղել անտարակույս, նրա անունը, իսկ Ռոսիսնանտի ոտների տակ ուրիշ մակագրություն կար՝ Դոն Կիխոտ։ Ռոսինանտը երևելի էր նկարված՝ այնքան երկար ու ձիգ, այնքան նիհար ու հյուծված, ողնաշարն այնքան դուրս ցցված, այնքան հալիծ ընկած, մի խոսքով՝ կաշի և ոսկոր, այնպես որ իսկույն հասկանալի էր դառնում, որ «Ռոսինանտ» անունը տեղին և ըստ արժանվույն է նրան տրված։ Նրա կողքին կանգնած էր Սանչո Պանսան՝ իր իշի սանձը ձեռքին, և նրա ոտների տակ մակագրված էր՝ Սանչո Սանկաս։ Պատկերից դատելով նա մեծ փոր ուներ, կարճ իրան և բարակ ու երկար ոտներ, դրա համար էլ, երևի, նրան կոչել են՝ Պանսա և Սանկաս․[64] մականուններ, որ շարունակ հանդիպում են այդ պատմության մեջ։ Կարելի էր ուրիշ մանրամասնություններ էլ նշել, սակայն նրանք այնքան էլ կարևոր չեն և պատմության անցքերի ճշմարտապատում շարադրության մեջ աննշան տեղ են գրավում։ Իսկ այդ պատմությունը վատ չէ, որովհետև ճշմարտապատում է։
Միակ առարկությունը, որ կարելի է անել նրա ստույգության դեմ, այն է, որ գրի առնողն արաբ է, իսկ այդ ցեղը բնականից ստասաց է։ Սակայն արաբները մեր ոխերիմ թշնամիներն են, և ավելի շատ կարելի է ենթադրել, որ հեղինակը մի բան բաց թողած լինի, քան ավելացրած։ Այդ է, գոնե, իմ կարծիքը, որովհետև այնտեղ, որտեղ հեղինակը կարող էր և պետք է որ ազատություն տար իր գրչին՝ մեր արի ասպետին գովաբանելու, նա կարծես թե դիտմամբ լռություն է պահպանում։ Մի՞թե դա վատ արարք չէ և չարամիտ մտադրություն չէ, եթե նկատի առնելու լինենք, որ պատմաբանները պարտավոր են և պետք է որ ճշգրիտ ճշմարտապատում և անաչառ լինեն, և ո՛չ հաշիվը, ո՛չ երկյուղը, ո՛չ քենը, ո՛չ կիրքը չպետք է նրանց հանեն ճշմարտության ուղիղ ճամփից, մեր գործերի գանձարանը, անցյալի վկան, օրինակ և խրատ ներկայի համար և նախազգուշացում՝ գալիքի։ Եվ ես գիտեմ, որ այդ պատմության մեջ դուք ամեն ինչ կգտնեք, ինչ որ սովորաբար որոնում են ամենահետաքրքրաշարժ վեպերում։ Իսկ եթե նրա մեջ որևէ թերիներ լինեն, ապա մեղքը, հավատացած եմ, նյութինը չէ, այլ շուն֊հեղինակինը։ Վերջապես, պատմության երկրոդ մասը թարգմանաբար այսպես է սկսվում։
Երբ որ մեր խիզախ և ցասկոտ հակառակորդները իրենց սուր թրերը քաշեցին, կարելի էր կարծել, որ նրանք սպառնում են երկնքին, երկրին և անգամ դժոխքին՝ այնքան արիություն ու վճռականություն կար նրանց դիրքում։ Առաջինը տաքարյուն բիսկայեցին հարված հասցրեց, այն էլ այնպիսի զորությամբ ու կատաղությամբ, որ եթե թուրը նրա ձեռքում շուռ չգար, այդ մի հատիկ հարվածը վերջ կտար ոչ միայն նրանց դժնդակ մենամարտությանը, այլև մեր ասպետի բոլոր արկածներին։ Սակայն հետագա մեծ գործերի համար դոն Կիխոտին պահպանող բարի բախտը շուռ տվեց նրա հակառակորդի ձեռքում թուրն այնպես, որ հարվածը նրա ձախ ուսին դիպավ և մեծ վնաս չհասցրեց։ Միայն թե այդ ուսից պոկվեցին բոլոր զրահները, իր վահանի մի մասն ու ականջի կեսը կտրվեցին։ Այդ բոլոր առարկաները շռինդով ընկան գետին, և մեր ասպետը շատ տխուր վիճակում մնաց։
Տեր Աստված, կգտնվի՞ այնպիսի մարդ, որ կարողանար արժանավոր կերպով նկարագրել կատաղությունը, որով լցվեց մեր Լամանչեցու սիրտը, երբ որ նա տեսավ, թե ինչ օրի գցեցին իրեն։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ դոն Կիխոտը նորից կանգնեց ասպանդակների վրա, ավելի ուժգին երկու ձեռքով սեղմեց թուրը և այնպիսի կատաղությամբ հարվածեց բիսկայեցու բարձին ու գլխին, որ հակառակորդին, չնայած որ լավ ծածկված էր, թվաց, թե նրան մի ամբողջ սար է ճզմել։ Նրա քթից, բերնից ու ականջներից արյուն թափվեց, նա երերաց և անշուշտ վայր կընկներ գետին, եթե իր ջորու պարանոցը բռնած չլիներ։ Չնայած դրան, այնուամենայնիվ, նրա ոտները դուրս սլքեցին ասպանդակներից, ձեռները կախ ընկան, իսկ ջորին, վախեցած այս սարսափելի հարվածից, սլացավ դաշտը քացի տալով և վերջ ի վերջո հեծածին գետնին գցեց։
Դոն Կիխոտը նայում էր այդ ամենին խորին հանգստությամբ, իսկ երբ որ բիսկայեցին վայր ընկավ, նա ձիուց ցած թռավ, թեթև վազեց նրա մոտը և թրի ծայրը նրա երկու աչքերի մեջտեղը դնելով՝ հրամայեց, որ անձնատուր լինի, սպառնալով, որ հակառակ դեպքում նրա գլուխը կկտրի։ Բիսկայեցին այն աստիճան շշմած էր, որ չկարողացավ մի խոսք արտասանել, ցասումն այնքան էր կուրացրել դոն Կիխոտին, որ նրա բանն անշուշտ շատ վատ կլիներ, եթե կառքի տիկինները, որոնք հևիհև հետևում էին մենամարտությանը, չմոտենային մեր ասպետին և թախանձագին չխնդրեին, որ իբրև ողորմություն իրենց շնորհվի իրենց ծառայի կյանքը։ Դոն Կիխոտը ի պատասխան, ծանր ու մեծ արժանապատվությամբ ասաց․
― Իհարկե, գեղեցիկ տիկիններ, ես մեծ ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը։ Բայց ես մեկ պայման կդնեմ՝ այս ասպետը պիտի խոստանա ինձ, որ կերթա Տոբոսո կոչվող գյուղը, կներկայանա իմ անունից աննման տիրուհի Դուլսինեային, որը կտնօրինի նրա բախտը, ինչպես կամենա։
Ահաբեկված և վշտացած տիկինները, կարգին գլխի չընկնելով, թե նրանցից ինչ է պահանջվում, անգամ հարց ու փորձ չանելով, թե ինչ ազգուտակից է այդ Դուլսինեան, խոստացան, որ իրենց զինակիրը ճշտությամբ կկատարի նրա հրամանը։
― Հավատալով ձեր խոսքին, ― ասաց դոն Կիխոտը, ― ես այլևս նրան վնաս չեմ տա, թեև նա շատ֊շատ արժանի է դրան։
Գլուխ X
Դոն Կիխոտի և նրա զինակիր Սանչո Պանսայի միջև եղած սրամիտ զրույցի մասին
Այդ միջոցին Սանչո Պանսան, որ վարդապետների ծառաներից լավ ծեծ էր կերել, արդեն վեր էր կացել և ուշի֊ուշով հետևում էր իր տիրոջ՝ դոն Կիխոտի մենամարտությանը, իր սրտում աղաչելով, որ Աստված հաճի նրան հաղթանակ շնորհել և որ հաղթանակը տանելուց հետո նա որևէ կղզի նվաճի և Սանչոյին, համաձայն խոստմանը կարողանա նահանգապետ կարգել։ Վերջապես տեսնելով, որ մարտն ավարտված է և որ իր տերը կամենում է հեծնել Ռոսինանտին՝ նա վազ տվեց, որ ասպանդակը բռնի, բայց նախքան նրա ձի հեծելը չոքեց նրա առջև և, բռնելով նրա ձեռքը համբուրեց ու ասաց․
― Թող հաճելի լինի ձերդ ողորմածությանը, տեր իմ դոն Կիխոտ, շնորհել ինձ նահանգապետություն կղզում, որ դուք նվաճեցիկ այս դաժան մարտում։ Ինչքան էլ նա մեծ լինի, զգում եմ ես, որ կկարողանամ կառավարել նույնքան լավ, որքան աշխարհի բոլոր մյուս կղզիների նահանգապետները։
Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Նկատի առ, եղբայր Սանչո, որ այս արկածը, ինչպես և սրա նման մյուսները, կղզի շահելու արկածներ չեն։ Ճամփաբաժաններում կարող են քո գլուխը ջարդել կամ ականջդ կտրել, բայց դու մեջտեղը ուրիշ բան չես շահի։ Համբերի՛ր մի քիչ, մենք այնպիսի արկածներ էլ կունենանք, որ թույլ կտան ինձ ոչ միայն նահանգապետ կարգել, այլև ավելի բարձր բան անելու։
Սանչոն ջերմագին շնորհակալություն հայտնեց, մի անգամ էլ համբուրեց նրա ձեռքն ու նրա ռազմական կապայի փեշը և օգնեց որ հեծնի Ռոսինանտին, իսկ ինքը թռավ իր էշի վրա և գնաց իր տիրոջ ետևից։ Կառքում նստած տիկիններին այլևս ոչ մի խոսք չասելով, անգամ հրաժեշտ չտալով դոն Կիխոտը արագ քայլերով մտավ անտառը, որ հեռու չէր։ Սանչոն լխկլխկում էր իր ողջ արագությամբ վազող էշի վրա՝ հետևելով տիրոջը։ Սակայն Ռոսինանտն այնքան արագ էր վազում, որ Սանչոն շուտով ետ մնաց և ստիպված էր ձայն տալ տիրոջը, որ սպասի իրեն։ Նրա ձայնն առնելով դոն Կիխոտը Ռոսինանտի սանձը քաշեց, մինչև որ հասավ իր հոգնած զինակիրն ու ասաց․
― Թվում է ինձ, տեր, որ մենք խելացի վարված կլինեինք, եթե պատսպարվեինք որևէ եկեղեցում։ Չէ՞որ այն մարդը, որի դեմ դուք նոր մարտնչեցիք, այնքան ցավալի վիճակի մեջ մնաց, որ զարմանալի չի լինի, եթե այդ անցքի լուրը Սանտա Հերմանդադ[65] հասցեն և այն ժամանակ մեզ կկալանավորեն, իսկ բանտ որ նստացրին, Աստված վկա, շատ քրտինք պիտի թափենք, մինչև որ այնտեղից դուրս գանք։
― Լռի՛ր, ― ասաց դոն Կիխոտը։ ― Այդ որտե՞ղ ես դու լսել կամ կարդացել, որ թափառական ասպետներին մարդասպանության համար դատի ենթարկեն։
― Մարդասպանության մասին ես բան չգիտեմ, ― պատասխանեց Սանչոն, ― և ես երբեք այդ գործով չեմ զբաղվել․ գալով բացօթյա մուշտակռվին՝ ես գիտեմ, որ Սանտա Հերմանդադը նրանցով շատ հետաքրքրվում է, մնացյալի մասին չեմ խոսում։
― Մի՛ վշտանար, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես քեզ ոչ միայն Հերմանդադի, այլև անգամ քաղղեացիների[66] ձեռքից կազատեմ։ Բայց խղճի մտոք ասա ինձ՝ տեսե՞լ ես դու երբևիցե աշխարհիս երեսին ինձնից ավելի խիզախ ասպետ։ Կարդացե՞լ ես դու վեպերում, որ որևէ ասպետ ավելի խիզախություն հայտնաբերած լինի հարձակման պահին, ավելի համառություն պաշտպանության պահին, ավելի մահացու լինի՝ հարվածելիս և ավելի ճկուն՝ թամքից ցած գլորելուց։
― Ճիշտն ասած, ― պատասխանեց Սանչոն, ― կյանքումս ոչ մի վեպ չեմ կարդացել, որովհետև ես գրել֊կարդալ չգիտեմ։ Բայց գրազ կգամ, որ ավելի խիզախ տիրոջ, քան ձեր ողորմածությունն է, ես կյանքումս չեմ ծառայել, և տա Աստված, որ այդ արիության համար մենք ասածս տեղը չընկնենք։ Սակայն խնդրում եմ, ձերդ ողորմածություն, հոգացե՛ք ձեր մասին՝ ախր ձեր ականջից սաստիկ արյուն է գալիս․ բարեբախտաբար, իմ պայուսակում ծվատ ու սպիտակ սպեղանի կա։
― Այդ ամենը ավելորդ կլիներ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե ես մոռացած չլինեի մի սրվակ Ֆյերաբրասի բալասան պատրաստելու՝ մի կաթիլը բավական կլիներ, և մենք կտնտեսեինք և՛ ժամանակը, և՛ դեղորայքը։
― Ի՞նչ սրվակ և ի՞նչ բալասան է դա, ― հարցրեց Սանչո Պանսան։
― Այդ բալասանի բաղադրությունը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մտքումս պահել եմ։ Որ ունեցար՝ կարող ես ո՛չ մահից վախենալ, ո՛չ էլ վերքից մեռնելու երկյուղ ունենալ։ Ես կպատրաստեմ և կտամ քեզ, իսկ դու, որ տեսնես, թե կռվի միջոցին ինձ կտրել երկու կես են արել (մի բան, որ մեր գործերում հաճախ լինում է), զգուշությամբ կբարձրացնես այն կեսը, որ վայր է ընկել գետին և առաջ, քան արյունը լերդանա, կդնես այն կեսի վրա, որ մնացել է թամքի վրա՝ աշխատելով, որ երկու կեսերը խնամքով և ճիշտ իրար բերես։ Ապա թե ասածս բալասանից երկու կաթիլ կտաս, որ խմեմ, և կտեսնես, որ ես կլինեմ ողջ և առողջ, կարմիր խնձորի պես։
― Քանի որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ես իսկույն ևեթ հրաժարվում եմ ինձ խոստացված կղզու վրա նահանգապետությունից և իմ մեծ ու հավատարիմ ծառայության համար ձեզնից մեկ բան եմ խնդրում՝ տվեք ինձ, ձերդ ողորմածություն, այդ զարմանահրաշ հեղուկի բաղադրատոմսը։ Ես հաստատ հավատացած եմ, որ աշխարհիս երեսին ամենուրեք նրա մեկ ունցիան երկու ռեալից ավելի թանկ կծախվի, իսկ ինձ ավելին պետք չէ՝ կյանքիս մնացորդն ազնիվ ու հանգիստ ապրելու համար։ Ասենք, նախապես պետք է պարզել, թե ինչ կնստի նրա պատրաստելը։
― Երեք ռեալով կարելի երեք ասումբրա[67] պատրաստել, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Վա՜յ ինձ, մեղավորիս, ― բացականչեց Սանչոն։ ― Ապա ինչի է սպասում ձերդ ողորմածությունը, ինչո՞ւ ինքներդ չեք պատրաստում և ինձ չեք սովորեցնում։
― Լռի՛ր, բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դա ի՜նչ է որ, դեռ ավելի մեծ գաղտնիքներ կբանամ քեզ և ավելի շատ բարիքներ կթափեմ քեզ վրա։ Իսկ հիմա զբաղվենք իմ ականջով՝ նա ավելի է ցավում, քան թե ես կուզենայի։
Սանչոն պայուսակից հանեց ծվատն ու սպեղանին։ Բայց երբ դոն Կիխոտը տեսավ, թե ինչ դրության է հասել իր սաղավարտը, նա քիչ մնաց ուշաթափվեր։ Ձեռքը թրի վրա դնելով և աչքերը հառելով երկնքին՝ նա ասաց․
― Երդվում եմ աշխարհիս արարչով և չորս սուրբ ավետարաններով, ասես նրանք առջևս դրած լինեին,[68] որ այսուհետև այնպիսի կյանք եմ վարելու, ինչպես մեծ մարկիզ Մանտուանացին, երբ նա երդվեց իր մորաքրոջ որդի Բալդովինի մահվան վրեժը լուծել, այսինքն՝ սուփրից հաց չճաշակել, չզվարճանալ կնոջ հետ և այլն (իսկ թե ինչ, ես մոռացել եմ, միայն թե այդ ամենը դնում եմ երդմանս մեջ), մինչև որ վրիժառու չլինեմ նրանից, ով ինձ նման վիրավորանք հասցրեց։
Լսելով այս խոսքերը՝ Սանչոն ասաց․
― Ձերդ ողորմածություն, սինյոր դոն Կիխոտ, միտք արեք ապա, չէ՞ որ եթե այն ասպետը կատարել է ձեր հրամանն ու գնացել է ներկայանալու իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն, ապա ուրեմն նա իր պարտքը կատարել է և արժանի չէ նոր պատժի, քանի որ նոր հանցանք չի գործել։
― Դու այդ ճիշտ նկատեցիր և ասացիր, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի ես ետ եմ վերցնում իմ երդման այն մասը, որ վերաբերում է այդ ասպետից վրեժ առնելուն։ Սակայն ես դարձյալ երդվում եմ և հաստատում երդումս այնպիսի կյանք վարելու, որ ասում էի, մինչև որ ուժով որևէ ասպետից սաղավարտ չխլեմ, որ իր որակով իմիս հավասար լինի։ Եվ մի մտածիր, Սանչո, որ իմ խոսքերը, որպես դարմանի ծուխ, քամին կտանի, քանի որ իմ առջև մեծ նմուշներ են կանգնած։ Չէ՞ որ նույնը, բառացի նույնը պատահեց Մամբրինոյի սաղավարտին, որ այնքան թանկ նստեց Սակրիպանտեին։
― Տեր իմ, ձերդ ողորմածություն, գրողը տանի այդ տեսակ երդումները, ― վրա բերեց Սանչոն։ ― Նրանք առողջության համար վնասակար են և ձեռնտու չեն խղճին։ Թե չէ, ասացեք ապա՝ ի՞նչ կլինի, եթե դիցուք բազմաթիվ օրերի ընթացքում մեզ ոչ մի սաղավարտավոր մարդ չհանդիպի, ի՞նչ պիտի անենք մենք։ Մի՞թե դուք կատարելու եք ձեր երդումը, հակառակ բոլոր անհարմարություններին և անախորժություններին, այն է՝ շորերը հագներիդ քնեք, գյուղերում չգիշերեք և ձեզ հազար ու մի ուրիշ փորձությունների ենթարկեք, որ հիշատակել է այդ խելքը կորցրած մարկիզ Մանտուանացին, ինչ է թե ձերդ ողորմածությունը կամենում է, նրա երդումը վերակենդանացնել։ Լավ մտածեցեք, ձերդ ողորմածություն, չէ՞ որ բոլոր այս ճամփաներով երթևեկում են լոկ զինված ջորեպաններ, ձիապաններ և կառապաններ, որոնք ոչ միայն սաղավարտ չեն կրում, այլև գուցե իրենց օրում չեն էլ լսել նրա մասին։
― Ախալվում ես, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երկու ժամ չի քաշի, և մենք այս խաչաձևվող ուղիներում ավելի զինված մարդ կհանդիպենք, քան Ալբրական՝ Անջելիկա գեղեցկուհուն նվաճելու միջոցին։
― Էհ, լավ, թող ձեր ասածը լինի, ― ասաց Սանչոն։ ― Տա Աստված, որ մեր բախտը բերի և շուտով հասնի ժամը նվաճելու կղզին, որ ինձ վրա այսքան թանկ է նստում, իսկ այնուհետև ես հանգիստ կմեռնեմ։
― Ես արդեն ասել եմ քեզ, Սանչո, որ կարիք չունես դրա համար անհանգիստ լինելու։ Կղզի չեղավ՝ Դանիայի կամ Սոբրադիսայի նման որևէ մի թագավորություն կգտնվի և քո չափսին կգա, ոնց որ մատանին՝ մատիդ։ Համ էլ քեզ համար ավելի լավ կլինի, չէ՞ որ այդ թագավորությունները հաստատ հողի վրա են։ Սակայն այդ թողնենք, մենք ժամանակ կունենանք դրա մասին խոսելու, իսկ հիմա տեսնենք, թե քո պայուսակում ուտելու պաշար կա՞։ Կազդուրվենք և իսկույն գնանք որևէ դղյակ որոնելու, որտեղ կգիշերենք և ես կպատրաստեմ բալասանը, որի մասին քեզ պատմեցի, որովհետև, երդվում եմ Աստուծով, ականջս սաստիկ ցավում է։
― Մոտս կա ընդամենը մի գլուխ սոխ, մի կտոր պանիր և մի քանի կտոր քարթու հաց, ― ասաց Սանչոն։ ― Այս ամենը ձեր ողորմածության պես արի ասպետի համար անվայել ուտելիք է։
― Դու բնավ բան չես հասկանում, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Իմացած եղիր, Սանչո, թափառական ասպետի առաքինությունն այն է, որ ամիսներով բան չուտի, իսկ եթե ուտելու էլ լինի, ապա առաջին ձեռքն ընկած բանը։ Դու կասկած չէիր ունենա, եթե այնքան վեպեր կարդացած լինեիր, որքան ես, և թեև ես շատ եմ կարդացել, բայց չեմ հիշում, որ ասպետը երբևէ այլ կերպ ուտելիս լինի, քան բոլորովին պատահմամբ, և միմիայն ճոխ խնջույքներում, որ սարքված են լինում նրանց պատվին։ Մնացած օրերը նրանք ծաղիկների բույրով են սնվում։ Իհարկե, պետք է ենթադրել, որ նրանք այնուամենայնիվ մի բան ուտում էին և բավարարում էին մնացյալ բնական պահանջները, քանի որ վերջ ի վերջո նույն տեսակ մարդիկ են եղել, ինչ որ մենք։ Իսկ որովհետև նրանք իրենց կյանքի մեծ մասը անտառներում և անապատներում են անցկացնելիս եղել, ապա խոհարարներ չէին ունենում, և պետք է ենթադրել, որ նրանց սովորական սնունդը գյուղական հասարակ ուտելիքն է եղել, հիմա ինձ առաջարկածիդ պես մի բան։ Ուստի, Սանչո, բարեկամս, թող քեզ չվշտացնի այն, ինչ ուրախացնում է ինձ, մի աշխատիր ստեղծել նոր աշխարհ և թափառական ասպետներին ճամփից հանել։
― Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― բայց որովհետև ես ո՛չ գրել գիտեմ, ո՛չ կարդալ, ինչպես մի անգամ էլ ասել եմ ձեզ արդեն, ապա ասպետական պաշտոնի կանոններն էլ ես երբեք չեմ կարդացել։ Այսուհետև ես հետս կվերցնեմ մի պայուսակ՝ լիքը ամեն տեսակ չոր պտուղներով, որովհետև ձերդ ողորմածությունն ասպետ է, իսկ ինձ համար ― որովհետև ես ասպետ չեմ, ― զանազան թռչուններ և ընդհանրապես ավելի էական բաներ։
― Իմ ասածը բոլորովին այն չէր, Սանչո, ― առարկեց դոն Կիխոտը, ― որ թափառական ասպետները պարտավոր են միայն չոր միրգ ուտելու, ես միայն նկատեցի, որ որ նրանք սովորաբար դրանով են սնվել, մեկ էլ մի քանի տեսակ դաշտային բանջարեղենով, որ նրանք գիտեին գտնել դաշտերում, ինչպես ես էլ լավ գիտեմ։
― Օգտակար բան է ճանաչել այդ բանջարեղենը, ― ասաց Սանչոն, ― որովհետև ինչպես ինձ թվում է, այդ գիտությունը երբևիցե մեզ պետք կգա։
Այստեղ նրանք պայուսակից հանեցին իրենց պաշարը և երկուսով, խաղաղ ընկերակցությամբ սկսեցին ուտել։ Սակայն գիշերվա օթևան գտնելու ցանկությունից դրդված՝ նրանք կարճեցին իրենց չոր ու ցամաք ճաշը, իսկույն նստեցին մեկն իր երիվարը, մյուսն՝ իր էշը և քշեցին՝ հուսով, որ մինչև մութը կոխի, հասնեն բնակելի մի վայր։ Սակայն արևը մայր մտավ, և նրա հետ չքացավ ցանկացածին հասնելու հույսը, իսկ որովհետև նրանք այծարածների վրանների մոտ էին, որոշեցին հենց այստեղ էլ կանգ առնել։ Որքան Սանչոն վշտանում էր, որ նրանք այդպես էլ գյուղ չհասան, նույնքան էլ դոն Կիխոտը, ընդհակառակը, ուրախ էր բաց երկնքի տակ գիշերն անց կացնելու մտքից, որովհետև ամեն անգամ, երբ այդպիսի բան էր պատահում, նա հաջողության նշան էր համարում, որ հաստատում էր նրա իրավունքները ասպետական կոչման մեջ։
Գլուխ XI
Թե ինչ պատահեց դոն Կիխոտի և այծարածների միջև
Այծարածները նրանց սիրալիր ընդունեցին, և Սանչոն, որքան կարելի է, լավ հոգ տանելով Ռոսինանտի և իր էշի մասին, այն կողմը դիմեց, որտեղից այծի մսի հոտ էր գալիս, որ կաթսայի մեջ եփվում էր կրակի վրա։ Եվ, թեև նրան քաշում էր անհապաղ համը տեսնելու, պիտանի՞ է արդյոք մսի կաթսայից անմիջապես ստամոքսն ուղևորելու, այնուհանդերձ նա իրեն պահեց, որովհետև այդ իսկ վայրկյանին հովիվները կաթսան կրակից վերցրին և, գետնին ոչխարի մորթիներ փռելով, արագ֊արագ պատրաստեցին իրենց գեղջկական սուփրան, ապա մեծ սիրալիրությամբ առաջարկեցին մեր ճամբորդներին բաժանել նրանց հետ իրենց ունեցածից։ Բոլոր վեց հովիվները, որ ապրում էին վրանում, բոլորաձև նստոտեցին ոչխարի մորթիների վրա, նախապես անշնորհք քաղաքավարությամբ խնդրելով դոն Կիխոտից, որ շուռ տված տաշտի վրա տեղ գրավի։ Դոն Կիխոտը նստեց, իսկ Սանչոն ոտի վրա մնաց, որ նրան սպասարկի և մատուցի եղջյուրից շինած գավաթը։ Սակայն մեր ասպետը տեսնելով, որ նա չի նստում, ասաց նրան․
― Որպեսզի դու տեսած լինես, Սանչո, թե ինչ բարիք է պարփակվում թափառական ասպետության մեջ և թե ինչ արագությամբ մարդիկ, որ այնպես ծառայում են նրան, հասնում են աշխարհում հարգանքի և պատիվների, ես կամենում եմ, որ դու նստես իմ կողքին այս բարի մարդկանց շրջանում և ինձ հավասար լինես՝ քո տիրոջը և բնական սինյորին, որ դու իմ ափսեից ուտես և նույն թասից խմես, որից խմում եմ ես, որովհետև թափառական ասպետության մասին կարելի է ասել նույնը, ինչ որ սովորաբար սիրո մասին է ասվում՝ բոլորին հավասարեցնում է։
― Խորին շնորհակալություն, ― պատասխանեց Սանչոն, ― բայց ահա՛ թե ինչ կասեմ ես ձերդ ողորմածությանը՝ թող ուտելու բան ունենամ, իսկ կանգնած և մենակ ուտելը, թերևս, ինձ համար ավելի հարմար լինի, քան կայսեր կողքին նստած։ Եվ, եթե շիտակն ասել թույլ տաք, ապա իմ սեփական անկյունում սոխով հաց ուտելը, առանց ծեսերի և ծռմռվելու շատ ավելի դուրեկան է, քան ուրիշի սեղանից հնդկահավ ուտել և հարկարդված լինել դանդաղ ծամելու, սակավ խմելու, ամեն վայրկյան բերան սրբելու, չհազալու, չփռշտալու, երբ հազդ ու փռշտոցդ գալիս է և չանել շատ ուրիշ բաներ, որ թույլատրվում է մարդուս ազատ և մենակ միջոցին։ Ուստի, տեր իմ, պատիվների փոխարեն, որ ձերդ ողորմածությունն ուզում է ինձ արած լինել, որպես ծառայի և թափառական ասպետի աշխատակցի, քանի որ ես ձեր ողորմածության զինակիրն եմ, շնորհեցեք ինձ ավելի շահավետ և օգտավետ մի բան։ Իսկ այս պատիվը ես ընդունում եմ և շնորհակալությամբ, բայց հրաժարվում եմ նրանից այժմ և հավիտյան։
― Չնայած դրան, դու դարձյալ նստիր, որովհետև նրան, ով որ խոնարհեցնում է իրեն, Աստված բարձրացնում է։
Եվ, քաշելով նրա թևից, դոն Կիխոտը ստիպեց, որ նստի իր կողքին։
Հովիվները, որ զինակիրների ու թափառական ասպետների բարբառից բան չէին հասկանում, զոռ էին տալիս ուտելուն, լռելյայն նայում էին հյուրերին, որոնք մեծ ախորժակով խժռում էին բռունցքի մեծությմբ կտորներ։ Երբ որ մսեղենը պրծավ, հովիվները ահագին քանակությամբ կաղին թափեցին մորթիների վրա, հետն էլ կես գլուխ պանիր դրին, որ այնքան պինդ էր, ասես կրից լիներ շինած։ Իսկ եղջյուրե թասը անգործ չէր մնում, մեկ լիքը, մեկ՝ դատարկ, ինչպես ջուր քաշող դույլ, նա այնպիսի արագությամբ շրջան էր գործում, որ երկու առկա տկերից մեկը, այն էլ առանց առանձին դժվարության, դատարկված էր։ Երբ որ դոն Կիխոտը իր փորը մի լավ կշտացրեց, նա մի բուռ կաղին վերցրեց և, ուշի֊ուշով զննելով սկսեց հետևյալ խոսքը․
― Երջանիկ է եղել այն ժամանակը և բախտավոր այն դարը, որ հնում կոչելիս են եղել ոսկեդար, այն էլ ոչ թե նրա համար, որ ոսկին, այնքան գնահատելի մեր եկաթե դարում, որ երանելի ժամանակ ձեռք էր բերվում առանց որևէ աշխատանքի, այլ նրա համար, որ այն ժամանակ ապրող մարդիկ չգիտեին երկու բառ՝ «իմը» և «քոնը»։ Այդ սրբազան ժամանակներում ամեն ինչ ընդհանուր էր։ Իրենց օրվա պարենն ստանալու համար մարդուն մնում էր միայն ձեռքը բարձրացնել զորավոր կաղնու ճյուղերին, որ առատությամբ քաղցր ու համեղ պտուղներ էր տալիս։ Վճիտ աղբյուրներն ու արագահոս վտակները առատորեն առաջարկում էին իրենց զով ու առողջարար ջրերը։ Ժայռերի ճեղքերում ու ծառերի փչակներում համեստ ու ժրաջան մեղուները հիմնում էին իրենց թագավորությունները, և յուրաքանչյուր ձեռք կարող էր ձրի տիրանալ նրանց անուշ աշխատանքի առատ բերքին։ Խցանային հզոր կաղնիները, առանց որևէ հարկադրանքի, առատաձեռն սիրալիրությունից դրդված՝ հանելիս են եղել իրենց արձակ ու թեթև կեղևը և մարդիկ նրանով ծածկելիս են եղել իրենց տնակները՝ կառուցած անտաշ սյուների վրա, միմիայն փոփոխական եղանակից պատշտպանվելու համար։ Այն ժամանակ ամենուրեք խաղաղություն, բարեկամություն, համաձայնություն էր տիրում։ Ծուռ գութանի ծանր խոփը դեռևս չէր խիզախում կտրել ու բանալ մեր նախամոր ողորմած որովայնը, որովհետև առանց հարկադրանքի նա իր բերրի և լայնարձակ ծոցի ամբողջ տարածության վրա տալիս էր, ինչ որ կարող է կշտանցել, հագեցնել և ուրախացնել մանուկներին, որ այն միջոցին տիրում էին նրան։ Այն պահին, երբ պարզամիտ և չքնաղ հովվուհիները զբոսնում էին հովտից հովիտ և բլուրից բլուր, արձակ մազերով կամ ծամերը հյուսած, և նրանց վրա մի քող կար միայն, որ ողջմամտորեն ծածկում էր այն տեղերը, որ պատշաճությունը միշտ պահանջել և պահանջում է ծածկել։ Եվ նրանք զգեստներ չունեին, որ ընդունված են մեր ժամանակ՝ Տիր ծիրանիով կամ հազար ծվեն արած մետաքսով զարդարված, այլ կանաչ տերևների հյուսած պսակներ։ Եվ այդ արդուզարդով նրանք, թերևս, պակաս շքեղ և պճնված չեն եղել, քան մեր ոստանիք կանայք իրենց արտասովոր հնարքներով, որ սովորեցրել է նրանց տարակամ պարապությունը։ Այն ժամանակ հոգու սիրային տենչը նույնքան պարզ ու անկեղծ էին արտահայտվում, ինչպես և ծագում էին հոգում, առանց ինքնազարդարության համար խոսքի ճարպիկ հյուսվածքի ետևից ընկնելու։ Ստությունը, նենգությունն ու խորամանկությունը չէին խառնվում ճշմարտության և անկեղծության։ Արդարադատությունը իշխում էր լիակատար կերպով, և ո՛չ շահամոլությունը, ո՛չ կողմնապահությունը, որ հիմա այնքան ստորացնում ու հալածում են նրան, չէին հանդգնում ո՛չ վիրավորել նրան, ո՛չ շփոթել։ Անձնական կամայականության օրենքը դատավորների գլխից չէր անցնում, որովհետև դատելու համար ո՛չ մարդ կար, ո՛չ մեղք։ Ինչպես արդեն ասացի ես, ողջամիտ աղջիկները ման էին գալիս, որտեղ խելքներին փչում էր, մեն֊մենակ, առանց վախենալու, որ օտարի հանդգնությունը կամ ցանկամոլությունը կարող է նրանց վիրավորել, իսկ եթե կորցնում էլ էին պատիվը, ապա այդ պատահում էր իրենց սեփական հակումից և բարի կամքից։ Իսկ հիմա, մեր ատելի ժամանակում, նրանցից և ոչ մեկը ապահով չէ, անգամ եթե թաքցրած լինի և փակված որևէ անտեսանելի լաբիրինթոսում, ինչպիսին կա Կրետե կղզու վրա, որովհետև հիմա, այդ անիծյալ քաղաքավարության հետ միասին, բոլոր ծակոտիներից նրանց վրա օդից փչում է սիրային վարակը, իսկ նրա հետ՝ մնա՜ս բարով ամեն զսպվածություն։ Քանի շատ էր ժամանակն անցնում, այնքան ավելի էր աճում այդ չարիքը, մինչև որ աղջիկների ապահովության համար հիմնվեց թափառական ասպետների ուխտը, որ իր նպատակը դրել է պաշտպանել կույսերին, հովանավորել այրիներին, օգնել որբերին և աղքատներին։ Ես էլ եմ պատկանում այդ ուխտին, հովիվ եղբայրներ, և ես շնորհակալ եմ բարի ընդունելության և հյուրասիրության համար, որ դուք ցույց տվիք ինձ և իմ զինակրին։ Թեև բնական օրենքով աշխարհի բոլոր շունչ֊կենդանիները պարտավոր են աջակցելու թափառական ասպետներին, այնուհանդերձ ես գիտեմ, որ դուք այդ պարտականությանը անգիտակ ընդունեցիք մեզ և հյուրասիրեցիք, ուստի ես պարտավոր եմ սրտանց շնորհակալ լինելու ձեր բարեսրտության համար։
Այս ամբողջ երկար ճառը (որ նա շատ լավ կարող էր արտասանած չլինել) մեր ասպետն արտասանեց միմիայն նրա համար, որ իրեն առաջարկած կաղինը նրա միտքը գցեց ոսկեդարը, և նրա խելքին փչեց ապարդյուն դուրս տալու հովիվների առջև, որոնք, առանց մի բառ արտասանելու, լսում էին նրան մտամոլոր ու շփոթված։ Սանչոն էլ էր լուռ, նա կրծում էր կաղինը և շուտ֊շուտ մոտենում երկրորդ տկին, որ գինին սառը պահելու նպատակով, կախված էր կաղնուց։
Ընթրիքն արդեն ավարտված էր, իսկ դոն Կիխոտը տակավին խոսում էր, մինչև որ վերջապես հովիվներից մեկը դիմեց նրան հետևյալ խոսքերով․
― Որպեսզի ձերդ ողորմածությունը, սինյոր թափառական ասպետ, ունենա ավելի հիմք՝ հավատալու մեր ընդունելության անկեղծ բարեսրտությանը, մենք ուզում ենք զվարճացնել և ուրախացնել ձեզ մեր ընկերներից մեկի երգով, որ իսկույն պիտի գա այստեղ։ Նա էլ է հովիվ, խելքը գլխին տղա, սաստիկ սիրահարված, իսկ գլխավորը՝ գիտե կարդալ֊գրել և ռաբելե[69] է ածում այնպես, որ ավելի լավ կամենալ անկարելի է։
Հազիվ հովիվն ասաց այս խոսքերը, որ նրանց ականջին հասավ ռաբլեի ձայնը, իսկ շուտով ինքը երաժիշտն էլ երևան եկավ, մոտ քսաներկու տարեկան մի երիտասարդ՝ շատ դուրեկան արտաքինով։ Նրանից հարցրին՝ ընթրե՞լ է նա, թե՞ ոչ, երբ նա դրական պատասխան տվեց, այն հովիվը, որ նրան գովաբանում էր ասաց․
― Դե որ այդպես է, Անտոնիո, մեր խաթեր համար մի բան երգիր։ Թող սինյորը, որ այսօր մեր հյուրն է, տեսնի, թե լեռներում էլ, անտառներում էլ պատահում են մարդիկ, որոնց խելքը երաժշտությունից բան է կտրում։ Մենք նրան արդեն քո ընդունակությունների մասին հաղորդել ենք, դե՛ հայտաբերի՛ր և համոզիր նրան, որ մենք ճիշտ ենք ասել։ Ուստի, քո արևը, խնդրում եմ նստես և քո սիրուհու պատվին երգ ասես, որ քո քահանա հորեղբայրն է հորինել, և որ մեր գյուղում բոլորին այնքան դուր եկավ։
Սիրում ես ինձ, ես այդ գիտեմ,
Թեև երբեք ինձ այդ մասին
Չես ակնարկել գեթ հայացքով՝
Սիրո քաղցր լեզվով լռին։
Սիրում ես ինձ, և իմ հոգին
Էլ չեն մաշում վիշտ ու հառաչ։
Օ, ի՜նչ հրճվանք, երբ սիրտն արդեն
Բաց է սիրող սրտի առաջ։
Իմ Օլայլա, հաճախ դու ինձ
Ցույց ես տվել, որ հոգիդ կույս
Բրոնզ է սառն ու անզգա,
Շուշան֊կուրծքդ քար է անհույզ։
Բայց երբեմն էլ քամահրանքի,
Հպարտության բարձրությունից,
Հույսն է գաղտնի իր հանդերձի
Լույս քղանցքը ցույց տվել ինձ։
Ես քո գիրկն եմ տենչում նետվել
Ինչպես ձուկն է խայծին ձգտում,
Ո՛չ թոշնում եմ մերժումներից,
Ո՛չ ստանում սիրո խոստում։
Եթե իղձը պարկեշտ է միշտ,
Պարկեշտությունդ ասում է ինձ,
Որ պսակը իմ հույսերի
Կլինի քո սերը անբիծ։
Եթե ազնիվ պաշտամունքը
Շնորհների է արժանի,
Ե՜ս էլ նույնը պիտի հուսամ,
Ի՜մ Օլալյա, ի՜մ աղավնի։
Թե նկատել կամենայիր,
Կտեսնեիր այնքա՜ն, այնքա՜ն,
Որ ամեն օր եմ ես կրում
Իմ զգեստները տոնական։
Եվ քանի որ նույնն է ուղին
Թե՛ զգեստի և թե՛ սիրո,
Կամեցել եմ ես միշտ քեզ մոտ
Փայլել շքեղ հանդերձներով։
Չեմ հիշեցնում պարերն աշխույժ,
Սերենադները սրտահույզ,
Որ օրորո՜ւմ էին անուշ
Վերջալույսից մինչև արշալույս։
Չեմ հիշեցնում և գովքը այն,
Որ թովչանքիդ եմ ես ձոնել,
Որով միայն շատ շատերից
Լոկ նախատինք եմ վաստակել։
Իսկ Թերեսան Բերոկալցի
Ծաղրով ասաց․ «Աղջիկներ կան,
Որ հրեշտակ են պատմելով,
Իսկ մոտիկից կապիկ միայն։
Ի՞նչ մեծ բան է հիմա մեզ մոտ
Հիմարացնել և ամուրին
Ոսկեգանգուր կեղծամներով,
Փերիներով խանությային»։
Ես պատասխան տվի նրան,
Նա ինձանից վիրավորվեց,
Հետո եկավ քեռու տղան,
Սկսվեցին կռիվ ու վեճ։
Տենչում եմ քեզ սիրատոչոր
Ու երազում կարոտագին
Ոչ թե մարմինդ նրբագեղ,
Այլ քո մաքուր, անբիծ հոգին։
Օ, կհյուսի եկեղեցին,
Մետաքս օղակն ամուսնական,
Ե՛կ, միասին կրենք, ի՛մ սեր,
Կապանքները այդ սրբազան։
Իսկ թե մերժես, երդվում եմ քեզ
Սուրբ անունով սրբոց դասի,
Որ աշխարհից կհեռանամ
Ու կճգնեմ խցում վանքի։
Այս խոսքերով հովիվն ավարտեց իր երգը, և դոն Կիխոտը խնդրեց, որ նա մի բան էլ երգի, սակայն Սանչո Պանսան առարկեց, թե ավելի քնել կուզենար, քան երգ լսել և ասաց իր տիրոջը․
― Ժամանակ է արդեն, որ ձերդ ողորմածությունը մի տեղ պատրաստի պառկելու համար, չէ՞ որ այս բարի մարդիկ ամբողջ օրն աշխատում են և չեն կարող գիշերը մինչև լույս երգով անց կացնել։
― Հասկանալի է, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― պարզ է, որ տկին արածդ հաճախ այցելությունները ավելի քնով պիտի վարձատրվեն, քան երաժշտությամբ։
― Այն ով է, որ գինի չի սիրում, փառք քեզ Աստված, ― բացականչեց Սանչոն։
― Ես այդ չեմ ժխտում, ― ասաց դոն Կիխոտը։ ― Դե՛, պառկիր, որտեղ կուզենաս, իսկ իմ արհեստի մարդկանց ավելի վայել է զարթուն մնալը, քան քնելը։ Համ էլ վատ չէր լինի, Սանչո, եթե դու նորից կապեիր ականջս, որովհետև ավելի սաստիկ է ցավում, քան պետք էր։
Սանչոն կատարեց հրամանը։ Իսկ այծարածներից մեկը, տենելով վերքն, ասաց որ անհանգստանալու տեղիք չկա, որ ինքը դեղ ունի, որից վերքն իսկույն կսաղանա։ Եվ շուրջը մեծ առատությամբ բսած կնդրուկի տերևներ քաղելով, նա ծամեց, աղ արեց և դրեց վերքի վրա։ Ապա թե խնամքով կապեց ականջը և հավատացրեց, որ ոչ մի ուրիշ դեղի կարիք չի լինի։ Այդպես էլ դուրս եկավ։
Գլուխ XII
Թե դոն Կիխոտի հետ եղած այծարածներից մեկն ինչ պատմեց
Այս միջոցին գյուղից վերադարձավ մի տղա, որ գնացած էր եղել պաշարեղենի ետևից, և ասաց․
― Ընկերներ, գիտե՞ք, ինչ է պատահել գյուղում։
― Որտեղի՞ց իմանանք, ― պատասխանեց հովիվներից մեկը։
― Դե՛ իմացած եղեք, ― շարունակեց եկածը, ― որ այսօր առավոտ վախճանվեց հռչակավոր հովիվ֊ուսանող Խրիզոստոմոն, և լուր կա, որ մեռել է այն սատանա Մարսելային սիրելուց, հարուստ Գիլերմոյի աղջկան, որ հովվի զգեստով թափառում է այս խուլ վայրերում։
― Մարսելայի՞ն, ― ասում ես, ― հարցրեց մեկը։
― Այո՛, Մարսելային, ― պատասխանեց այծարածը։
― Իսկ ամենից նշանավորն այն է, որ իր կտակում նա կարգադրել է, որ իրեն թաղեն մավրի պես, արձակ դաշտում, մի ժայռի տակ, որտեղ աղբյուրի վրա մի կաղնի է աճում, որովհետև համաձայն լուրերի (իբր թե նա ինքն է ասել), այդտե՛ղ է նա առաջին անգամ տեսել Մարսելային։ Նա զանազան ուրիշ ցանկություններ էլ է հայտնել, միայն թե այստեղի տերտերներն ասում են, որ պետք չէ դրանք կատարել, որովհետև նրանք հեթանոսականի պես են։ Իսկ դրան առարկում է հանգուցյալի ամենամտերիմ բարեկամ ուսանող Ամբրոսիոն, որ նրա պես հովվի զգեստ է հագել։ Նա ուզում է Խրիզոստոմոյի կտակը լրիվ կատարած լինել, ինչպես նա ինքն է կարգադրել, և այդ առիթով ողջ գյուղը հիմա հուզված է։ Դատելով խոսակցություններից՝ վերջ ի վերջո ամեն ինչ Ամբրոսիոյի և նրա այլ հովիվ֊բարեկամների ցանկությամբ է կատարվելու, և վաղը մեծ հանդիսականությամբ նրան կտանեն թաղելու այն իսկ տեղը, որ ես ասացի։ Ըստ իս, տեսնելու բան է լինելու։ Համենայն դեպս ես անպատճառ կերթամ այնտեղ, եթե վաղը դարձյալ ստիպված չլինեմ վերադառնալու գյուղ։
― Մենք բոլորս էլ կերթանք այնտեղ, ― պատասխանեցին հովիվները, և վիճակ կգցենք, թե ով մնա մեր այծերին պահպանելու։
― Ճիշտ է, Պեդրո, ― վրա բերեց նրանցից մեկը, ― միայն թե չարժի այդ միջոցին դիմել․ ձեր բոլորիդ փոխարեն ե՛ս կմնամ։ Եվ չկարծեք, թե ես այդ առաջակում եմ բարությունից կամ հետաքրքրության բացակայությունից, այլ անցյալ օրը ոտս փուշ է մտել և դժվարանում եմ ման գալ։
― Ինչ էլ լինի, մենք բոլորս էլ շնորհակալ կլինենք քեզնից, ― պատասխանեց Պեդրոն։
Դոն Կիխոտը խնդրեց, որ Պեդրոն պատմի, թե ո՞վ է մեռել և ո՞վ է հովվուհին։ Պեդրոն պատասխանեց, թե ինչքան իրեն հայտնի է, ննջեցյալը հարուստ հիդալգո է եղել, բնակիչ մի գյուղի, որ գտնվում է լեռներում, շատ տարիներ ուսել է Սալամանկայում և ապա դարձել իր ծննդավայրը և շատ գիտուն և կարդացած մարդու համբավ ուներ։ Ասում էին, թե նա առանձնապես տեղյակ է եղել աստղերի գիտությունից և գիտեր, թե երկնքում արևն ու լուսինն ինչ են անում։ «Նա ճշտությամբ նախազգուշացնում էր արևի և լուսնի խաբարումները»։
― Այդ կոչվում է խավարումներ, բարեկամս, և ոչ թե խաբարումները, երբ որ այդ երկու մեծ լուսատուները խավարում են, ― նկատեց դոն Կիխոտը։ Բայց Պեդրոն, առանց ուշ դարձնելու նման մանրուքի վրա, շարունակեց իր պատմությունը։
― Նմանապես նա գուշակում էր, թե տարին ինչպես կլինի՝ բերքառատ թե չբերք։
― Դուք ուզում եք անբերրի ասած լինեք, բարեկամս, ― նկատեց դոն Կիխոտը։
― Չբերք թե անբերրի, ― պատասխանեց Պեդրոն, ― մեկ հաշիվ է։ Մի խոսքով, նրա գուշակությունների շնորհիվ հայրն ու բարեկամները շատ հարստացան, որովհետև հավատ էին ընծայում նրան և բոլոր գործերում հետևում էին նրա խորհուրդներին, երբ որ նա ասում էր՝ «այս տարի գարի ցանեցեք և ոչ թե ցորեն, իսկ այս տարի սիսեռ ցանեցեք և գարի մի՛ք ցանի, գալ տարի առաջ զեյթունի յուղ կլինի, իսկ հետո երեք տարի իրար վրա ոչ մի կաթիլ չի լինի»։
― Այդ գիտությունը կոչվում է ասղագիտություն, ― ասաց դոն Կիխոտը։
― Չգիտեմ, թե ինչպես է կոչվում, ― պատասխանեց Պեդրոն, ― սակայն գիտեմ, որ նա այդ ամենը գիտեր և դեռ ավելին։ Վերջապես նրա՝ Սալամանկայից գալուց հազիվ մի քանի ամիս էր անցել, որ մի գեղեցիկ օր հանկարծ նա դեն գցեց իր երկարափեշ ուսանողական զգեստը և հանդես եկավ մեր մեջ հովվի հագուստով՝ ոչխարի մորթից և ցուպը ձեռքին, իսկ նրա հետ հովվի հագուստ էր հագել նաև նրա հավատարիմ բաեկամ Ամբրոսիոն՝ նրա դասընկերը։ Ես մոռացա ասեմ ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն լավ երգ հյուսող էր և հորինում էր ավետիսներ, որ երգվում էին ծննդյան գիշերը և սրբազան ներկայացումներ, որ մեր գյուղական երիտասարդությունը խաղում էր մարմնո և արյան օրին, և բոլորն ասում են, որ շատ գեղեցիկ էին։ Երբ որ այդ երկու ուսանողներն այդպես անսպասելի հովվի հագուստ հագան, բոլորը գյուղում զարմացած մնացին և այդքան անսովոր կերպարանափոխության պատճառը ոչ մի կերպ չէին կարողանում գուշակել։ Իսկ այդ միջոցին մեռավ մեր Խրիզոստոմոյի հայրը, և նա ժառանգեց մեծ կարողություն՝ շարժական և անշարժ, նմանապես մեծ քանակությամբ եղջյուրավոր և մանր անասուններ և փողի մի խոշոր գումար։ Այդ ամենը հասավ նրան և ճիշտն ասած, նա միանգամայն արժանի էր դրան, որովհետև լավ ընկեր էր, լավ մարդկանց բարեկամ և ղալամով քաշած գեղեցկության տեր։ Ապա իմացվեց, որ նա հագուստը փոխել և այս ամայի վայրերն է հեռացել հովվուհի Մարսելայի ետևից ընկնելու համար, որովհետև խեղճ հանգուցյալը՝ Խրիզոստոմը, սիրահարված էր նրա վրա։ Հիմա ես կպատմեմ ձեզ, որ դուք իմանաք, թե ով է այս աղջիկը։ Գուցե, թերևս առանց գուցեի, դուք ձեր օրում նման բան լսած չլինեք, անգամ եթե Սառնայից[70] ավելի տարիքավոր լինեք։
― Սառա կասեն, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը՝ չկարողանալով համբերել, որ հովիվը այդքան աղճատում է բառերը։
― Սառնան ավելի երկար է քաշում, ― առարկեց հովիվը։ ― Իսկ եթե դուք, սինյոր, իմ ամեն մի խոսքին բծախնդիր լինեք, ապա ես մի տարի չեմ վերջացնի։
― Ներեցեք, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես ձեզ ընդհատեցի, որովհետև սառնայի և Սառայի միջև մեծ տարբերություն կա։ Բայց դուք շատ լավ պատասխանեցիք ինձ, թե սառնան ավելի երկար է քաշում, քան Սառայի կյանքը։ Շարունակեցեք ձեր պատմությունը, ես այլևս ձեզ չեմ ընդհատի։
― Այն էի ասում, սիրելի սինյոր, ― ասաց հովիվը, ― ես շարունակում եմ։ Մեր գյուղում մի գյուղացի կար, Խրիզոստոմոյի հորից էլ հարուստ և նրան կոչում էին Գիլլյերմո, որին բացի բազում հարստությունից, Աստված մի աղջիկ էր տվել, որի մայրը, ― մեր ողջ շրջանում պատվելի մի կին, ― վաղճանվեց ծննդաբերության միջոցին։ Ոնց որ հիմա տեսնում եմ նրա դեմքը։ ― Մեկ կողմից լույս էր տալիս արևի պես, իսկ մյուս կողմից՝ լուսնի։ Իսկ գլխավորը՝ բարի տնտեսուհի էր և սիրում էր աղքատներին, այնպես որ ես կարծում եմ՝ հիմա նրա հոգին տեր Աստծո մոտ երանության մեջ է։ Այսքան բարի կնոջ մահից հետո նրա ամուսին Գիլլյերմոն դարդամահ եղավ, և մնաց նրա աղջիկը՝ դեռատի և հարուստ Մարսելան, իր հորեղբոր խնամքին, քահանայի, որ մեր գյուղում կալված ունի։ Աղջիկը մեծանում էր այնքան սիրուն, որ մենք բոլորս ակամա հիշում էինք նրա գեղեցկուհի մորը, իսկ ոմանք անգամ ենթադրում էին, որ ժամանակի ընթացքում աղջիկը կգերազանցի։ Ահա այսպես, երբ որ լրացավ նրա տանսչորս թե տասնհինգ տարին, չէր կարելի նրա վրա նայել առանց օրհնելու Աստծուն, որ նրան այսքան չքնաղ է ստեղծել, և մեր ջահելների մեծ մասը մահացու սիրահարված էր նրա վրա։ Իսկ հորեղբայրը նրան փականքի տակ էր պահում մեծ խստությամբ։ Այնուամենայնիվ, նրա մեծ գեղեցկության և խոշոր հարստության համբավը տարածվեց ոչ միայն մեր գյուղում, այլև շատ մղոն հեռու շուրջը և լավագույն փեսացուները ամեն կողմից գալիս էին խնդրելու, աղաչելու, պաղատելու հորեղբորից, որ նրան մարդու տա։ Սա էլ, իբրև իսկական բարի քրիստոնյա, թեև հակառակ չէր նրան մարդու տալու, երբ որ նա հասակն առավ, այնուամենայնիվ, չէր ուզում այդ՝ հակառակ նրա կամքի արած լինել, թեև, իհարկե, նրա համար չէր հետաձգում այդ ամուսնությունը, որ եկամուտ ու շահի մասին էր մտածում, որ նա քաղում էր աղջկա կարողությունից խնամակալության հետևանքով։ Հավատացեք ինձ, դրա մասին հաճախ խոսք էր լինում մեր քեֆերի ժամանակ, և գովում էինք բարի քահանային։ Իսկ պետք է ձեզ ասեմ, թափառական սինյոր, որ մեր գյուղորայքում ամենքի նկատմամբ սրտացավ են և ում ասես կարող են չարախոսել։ Եվ հավատացած եղեք, ինչպես հավատացած եմ ես, որ եթե ծխականները, մանավանդ գյուղի ծխականները, լավ են արտահայտվում որևէ հոգևոր անձի մասին, ապա դա կնշանակի, որ նա միանգամայն արժանի է դրան։
― Միանգամայն ճիշտ է, ― նկատեց դոն Կիխոտը, ― դե շարունակեցեք, ձեր պատմությունը շատ լավն է, և դուք, բարի Պեդրո, հիանալի պատմում եք։
― Միայն թե Աստծու կամքը լինի, դա է գլխավորը։ Էհ, հետո այսպես է եղել։ Թեև հորեղբայրը իր եղբոր աղջկան բազմաթիվ փեսացուներ է առաջարկած եղել, մանրամասն թվելով յուրաքանչյուրի արժանիքները, ով որ կամեցել է նրա հետ ամուսնանալ և խնդրելիս է եղել ընտրություն անել նրանցից ըստ իր ճաշակի, նա բոլոր առաջարկներին ի պատասխան ասելիս է եղել, որ առայժմ մարդու գնալու ցանկություն չունի, որ ինքը դեռ շատ երիտասարդ է և իրեն ընդունակ չի համարում ամուսնության ծանր լուծը կրելու։ Նրա առարկությունները ճիշտ էին թվում, և հորեղբայրը նրան հանգիստ թողեց, սպասելով, որ նա մեծանա և վերջապես ըստ իր ճաշակի ամուսին ընտրի, քանի որ ինքն էր հայտարարել, և միանգամայն արդարացի, որ ծնողները չպետք է իրենց զավակների բախտը տնօրինեն հակառակ նրանց կամքի։ Եվ հանկարծ, առանց որևէ պատճառի, հանկարծակի կերպով, քմահաճ Մարսելան, մի գեղեցիկ օր հովվուհի է դառնում։ Թեև նրա հորեղբայրը և բոլոր համագյուղացիները ետ էին պահում նրան, նա ականջ չդրեց և մեր գյուղի մյուս հովվուհիների հետ գնաց հանդը իր սեփական հոտը արածացնելու համար։ Իսկ երբ որ նա ներկայացավ բոլորի առջև, և բոլորն էլ վերջապես տեսան նրա գեղեցկությունը, բազմաթիվ հարուստ երիտասարդներ՝ հիդալգո և գյուղացի, Աստված վկա, չեմ էլ կարողանա նրանց բոլորի անունը տալ, Խրիզոստոմոյի պես հագնվեցին և գնացին թափառելու աղջկա հետ՝ ձգտելով ձեռք բերել նրա բարեհայեցողությունը։ Ես արդեն ասացի ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն էլ նրանցից մեկն էր, որի մասին պատմում են, թե նա ոչ թե սիրում էր աղջկան, այլ ուղղակի պաշտում։ Եվ չկարծեք, թե եթե Մարսելան ազատ և արձակ կյանք էր ընտրել, որ ոչ մի ճնշում չի ճանաչում, ապա դա նշանակում էր, որ նրա պատիվն ու առաքինությունը դրանից կարող էին տուժել։ Ընդհակառակը՝ նա այնքան արթուն պահպանում էր իր պատիվը, որ իրեն ծառայողներից և իր սերը հայցողներից և ոչ մեկը չէր կարող պարծենալ, ճիշտ ասած, երևի, երբեք էլ չի կարող պարծենալ, որ աղջիկը նրան գեթ ամենափոքր հույս է տվել, որ իր ցանկությունը կբավարարվի։ Մարսելան չի խուսափում հասարակությունից և հովիվների հետ խոսակցելուց, նրանց հետ սիրալիր և բարեկամաբար է վարվում, սակայն հենց որ նրանցից մեկն ու մեկը բաց է անում իր ցանկությունը ― լինի դա օրինական և սուրբ ցանկություն ամուսնանալու նրա հետ ― աղջիկն իսկույն վանում է նրան՝ ասես թնդանոթ արձակելով։ Եվ իր այդպիսի վարմունքով նա մեր կողմերում ավելի աղետ է բերում, քան ժանտախտը, որովհետև նրա սիրալիրությունն ու գեղեցկությունը բոլոր երիտասարդներին, որ նրան հանդիպում էին, հարկադրում էին նրան սիրել և ծառայել։ Իսկ նրա արհամարհանքն ու անզգայականությունը հուսակտուր է անում նրանց, և նրանք այլ կերպ չեն կոչում նրան, բայց եթե խստասիրտ, անշնորհակալ և այլ նման անուններով, որոնցով կարելի է դատել նրա բնավորության մասին։ Եվ եթե դուք, սինյոր, մի քանի օր այստեղ մնալու լինեիք, դուք կլսեիք, թե ինչպես մեր սար ու ձորերում մերժված սիրահարների գանգատներն են հնչում, որ նրա ետևից ընկած էին։ Այստեղից ոչ հեռու մի տեղ կա, որտեղ մի երկու տասնյակ հին հաճարի է բուսնում, և մեկը չկա, որի հարթ կեղևի վրա կտրած֊գրած չլինի Մարսելայի անունը, իսկ ծառերից մի քանիսի վրա նրա անվան վերևից թագ է կտրած, կարծես թե սիրահարը այդ նշանով կամեցել է ասած լինել, թե ողջ մարդկության գեղեցկության թագը Մարսելային է պատկանում։ Մի տեղ մեկ հովիվ է ախ քաշում, մյուս տեղ մի ուրիշն է գանգատվում, այստեղ սիրո երգ է հնչում, այնտեղ՝ ցավագին մրմունջ։ Մեկ սիրահար կաղնու կամ ժայռի տակ է ողջ գիշերն անց կացնում և հարբած ու հափշտակված անուրջներով՝ մինչև ցայգալույս չի փակում աչքերը։ Մի ուրիշը՝ անընդհատ և առանց հանգստանալու ախ է քաշում և ամառային ամենաանտանելի ջեռ տոթին պառկած է մնում շիկացած ավազի վրա և առաքում է իր տրտունջը գթառատ երկնքին։ Իսկ չքնաղ Մարսելան ազատ և անհոգ հաղթանակում է մեկի՛ն էլ, մյուսի՛ն էլ, սրա՛նց էլ, նրա՛նց էլ։ Մենք բոլորս՝ նրան ճանաչողներս, սպասում ենք, թե երբ պիտի վերջանա նրա գոռոզությունը և ով է լինելու այն երջանիկը, որ կզսպի նրա սարսափելի բնավորությունը և կվայելի նրա արտասովոր գեղեցկությունը։ Իսկ որովհետև այն ամենը, որ ես ձեզ պատմեցի, զուտ ճշմարտություն է, ապա, թվում է ինձ, այն էլ է ճիշտ, ինչ մեր հովիվը հաղորդեց Խրիզոտոմոյի մահվան մասին։ Ուստի, խորհուրդ եմ տալիս ձեզ, սինյոր, անպատճառ վաղը եկեք թաղմանը՝ ճիշտ, արժի տեսնել, որովհետև Խրիզաստոմոն բազմաթիվ բարեկամներ ուներ։ Իսկ այն տեղը, որտեղ նա կտակել է, որ իրեն թաղեն, այստեղից հազիվ կես մղոն լինի։
― Իհարկե կերթամ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և շնորհակալ եմ ձեզնից այն բավականության համար, որ պատճառեցիք ինձ այդքան հետաքրքրական պատմությամբ։
― Օ՜, Մարսելայի սիրահարի հետ եղածի կեսն էլ ես չգիտեմ, ― պատասխանեց այծարածը։ ― Բայց գուցե վաղը ճամփին մենք հանդիպենք որևէ ուրիշ հովվի, և նա մեզ կպատմի մնացյալը։ Իսկ հիմա չէր խանգարի, որ դուք պառկեք վրանի տակ, որովհետև գիշերային զովը կարող է վնասել ձեր վերքին, թեև, ասենք, սպեղանին դրել ենք, և դուք կարող եք անախորժ բարդություններից չվախենալ։
Սանչո Պանսան, որ վաղուց արդեն սատանի մոտն էր ուղարկում հովվի շաղակրատությունը, նույնպես սկսեց խնդրել, որ դոն Կիխոտը պառկի Պեդրոյի վրանում։ Դոն Կիխոտը զիջեց և գիշերվա մնացորդը անց կացրեց մտքերով տիրուհի Դուլսինեայի մասին՝ ընդօրինակելով Մարսելայի սիրահարներին։ Իսկ Սանչո Պանսան, Ռոսինանտի և էշի մեջտեղը փռվեց ու քնեց ոչ որպես անհույս սիրահար, այլ մուշտակռվում կարգին ծեծ կերած մարդ։
Գլուխ XIII
Որ պարունակում է Մարսելա հովվուհու պատմության վերջավորությունը և զանազան ուրիշ անցքեր
Հազիվ էր արևելքի պատշգամբներից օրը դուրս նայել, որ վեց հովիվներից հինգը վեր թռան և սկսեցին արթնացնել դոն Կիխոտին՝ հարցնելով նրանից՝ հո չի՞ փոխել իր մտադրությունը Խրիզոստոմոյի արտասովոր թաղմանը գնալու և ուզո՞ւմ է արդյոք միանալ իրենց խմբին։ Դոն Կիխոտը, որ հենց դրա մասին էր մտածում վեր կացավ և հրամայեց, որ Սանչոն իսկույն թամբի ձին և փալանի էշը, մի բան, որ Սանչոն կատարեց շատ արագ և նույնքան արագ նրանք բոլորը ճամփա ընկան։ Հազիվ քառորդ մղոն էին անցել նրանք, որ երկու խաչաձևող արահետի վրա վեց հովիվ տեսան, որ գալիս էին իրենց հանդեպ։ Նրանց հագին սև ոչխարի մորթի էր, իսկ գլուխներին նոճու և դափնեվարդի տերևներից հյուսած պսակ էր դրած։ Ամեն մեկի ձեռքին մի֊մի չիչխանի մեծ փայտ կար։ Նրանց կողքին հարուստ ճամբորդական հագուստով երկու ազնվական էր ձիով գալիս, որոնց հետիոտն ուղեկցում էին երեք ծառա։ Հանդիպելով իրար՝ հովիվները քաղաքավարի ողջունեցին իրար և հարցրին իրարից, թե ով ուր է ուղևորվում։ Պարզվեց, որ բոլորն էլ ուղևորվում են թաղման տեղը, ուստի նրանք միասին առաջ գնացին։ Ձիավորներից մեկը դառնալով մյուսին, ասաց․
― Սինյոր Վիվալդո, ինձ թվում է, թե ժամանակը, որ մեզնից կխլի այս տարօրինակ թաղման գնալը, կորած չի լինի, որովհետև անշուշտ նշանավոր բան է լինելու, եթե հավատալու լինենք այն զարմանալի բաներին, որ մեր ուղեկիցները պատմեցին մեզ թե հանգուցյալ հովվի, այնպես էլ մարդասպան հովվուհու մասին։
― Ես նույն կարծիքի եմ, ― պատասխանեց Վիվալդոն, ― և ոչ թե մեկ, այլ չորս օր եմ պատրաստ կորցնելու այդ բանը տեսնելու համար։
Դոն Կիխոտը հարցրեց նրանից, թե ինչ են լսել նրանք Մարսելայի և Խրիզոստոմոյի մասին։ Ձիավորը պատասխանեց, որ այսօր լուսաբացին նրանք հանդիպեցին այս հովիվներին և, տեսնելով նրանց սգանշանը, հարցրին, թե ինչի համար է այդ։ Նրանցից մեկը բացատրեց բանը, պատմեց Մարսելա անունով տարօրինակ և չքնաղ հովվուհու մասին, նրա բազմաթիվ երկրպագուների սիրո և Խրիզոստոմոյի մահվան մասին, որի թաղմանը նրանք գնում էին։ Մի խոսքով՝ նա դոն Կիխոտին պատմեց այն ամենը, որ սա գիտեր Պեդրոյի խոսքերից։
Նրանց միջև այս խոսակցությունը վերջացավ և մի ուրիշը սկսվեց, որովհետև ձիավորը, որին Վիվալդո էին կոչում, դոն Կիխոտից հարցրեց, թե ինչ առիթով է նա այսքան մի խաղաղ երկրում սպառազինված ման գալիս։ Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Իմ արհեստի հատկությունները, թույլ չեն տալիս ինձ և չեն արտոնում այլ կերպ ման գալու։ Հարմարությունները, ճոխությունն ու հանգիստը հնարված են մայրաքաղաքի մեղկ բնակիչների համար, իսկ աշխատանքը, տագնապը և ռազմի գործը հնարված ու ստեղծված են նրանց համար, որոնց աշխարհս անվանում է թափառական ասպետներ և որոնցից մեկը ես՝ անարժանս, համարում եմ ինձ ամենահետնյալը։
Լսելով այս խոսքերը՝ բոլորը որոշեցին, որ նա խելագար է։ Սակայն ստուգելու և հայտնաբերելու համար, թե ինչ տեսակ խելագարություն է, Վիվալդոն մեկ էլ խոսք վերցրեց և հարցրեց, թե ի՞նչ է թափառական ասպետը։
― Մի՞թե ձերդ ողորմածությունները, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― չեն կարդացել Անգլիայի ժամանակագրություններն ու պատմությունները, որոնց մեջ պատմված են Արթուր արքայի փառապանծ սխրագործությունները, որ մեր Կաստիլի բառբառով սովորաբար կոչվում է Արթուս։ Մեծ Բրիտանիայի բովանդակ թագավորության մեջ կա մի հին, շատ տարածված ավանդություն, թե այդ արքան չի մեռել, այլ դյութանքով ագռավ է դարձած եղել, և թե կգա ժամանակ, երբ նա նորից արքա կդառնա և հետ կբերի իր թագավորությունն ու գայիսոնը։ Այդ պատճառով չէ՞, որ դուք մի անգլիացի չեք գտնի, որ այն իսկ ժամանակից մինչև հիմա գեթ մի ագռավ սպանի։ Ահա այդ բարի արքայի օրոք հիմնվեց ասպետական ուխտ Ջինեվրա թագուհու վրա, միաժամանակ նրանց միջև բարեկամ ու միջնորդը եղել է ամենապատվելի տիրուհի Կինտանյոնան ― ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես պատմվում է դրա մասին։ Ահա թե որտեղից է ծագում հայտնի երգը, որ այնքան հաճախ երգվում է մեզանում, Իսպանիայում՝
Երբեք այնքան քնքշորեն
Տիկինները չեն խնամել ասպետին,
Ինչպես արի Լանցելոտին,
Բրիտանիայից ժամանած․․․
և այլն, որ հետո քաղցր ու քնքուշ երգվում է Լանցելոտի սիրային և ռազմական գործերի մասին։ Այն ժամանակից ի վեր ասպետական այդ ուխտը աստիճանաբար աճեց և տարածվեց աշխարհիս բազում և զանազան մասերում։ Նրա մեջ փառավոր ու հռչակավոր դարձան իրենց սխրագործություններով խիզախ Ամադիս Գաղղիացին իր բոլոր որդիներով ու թոռներով մինչև հինգերորդ պորտը, քաջարի Ֆելիսմարտե Հիրկանացին և ամեն գովասանքից բարձր Տիրանա Ճերմակը։ Իսկ անհաղթ և արի ասպետ դոն Բելյանիս Հունաստանցուն մենք գրեթե մեր օրերում տեսանք, շփվեցինք նրա հետ ու լսեցինք նրան։ Ահա՛, սինյորներ, ինչ է նշանակում թափառական ասպետ լինելը և ահա՛ թե ինչ է այդ ասպետական ուխտը։ Նրան, ինչպես արդեն ասացի, պատկանում եմ և ես՝ մեղավորս, և այն ամենը, որ դավանել են վերոհիշյալ ասպետները, դավանում եմ նաև ես։ Ուստի թափառում եմ այս մենավոր և ամայի վայրերում արկածախնդիր, թուր ու կրծքով բոլոր բախտի առաքած վտանգները դիմավորելու ու զուրկերին պաշտպանելու հաստատ վճռականությամբ։
Այս ճառից հետո դոն Կիխոտի ուղեկիցները վերջնականապես հասկացան և՛ այն, որ նա խելագար է, և՛ այն, թե ինչ տեսակ խելագարություն է պաշարել նրան։ Նրանք ապշած էին մնացել, ինչպես, ասենք, բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ հանդիպում էին մեր ասպետին։ Իսկ Վիվալդոն՝ սրամիտ և ուրախ մեկը, ճամփի մնացորդը անձանձիր անցկացնելու համար (հովիվների ասելով՝ այն տեղը լեռներում, որտեղ տեղի պիտի ունենար թաղումը, արդեն բոլորովին մոտ էր) վճռեց դոն Կիխոտին առիթ տա իր ցնդաբանությունը շարունակելու, ուստի և ասաց․
― Սինյոր թափառական ասպետ, ինձ թվում է, թե ձերդ ողորմածությունն ընտրել է աշխարհիս ամենադժվարին արհեստներից մեկը, և ես հավատացած եմ, որ կարտեզյան վանականների կյանքն անգամ այդչափ դժվարին չի եղել։
― Թերևս պակաս դժվարին չէ նրանց կյանքը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն պակաս անհրաժեշտ է մարդկության համար ― ձեռքս կտամ կտրեն, թե սա ճիշտ չլինի։ Որովհետև, եթե ճիշտ խոսելու լինենք, ապա զինվորը, որ կատարում է իր պետի հրամանը, պակաս կարևոր գործ չի կատարում, քան ինքը պետը, որ հրաման է արձակում։ Ես ուզում եմ ասած լինել, որ վանականները խաղաղ ու հանգիստ աղոթում են առ երկինք երկրի բարօրության համար, իսկ մենք՝ զինվոր ու ասպետներս, կատար ենք ածում այն, ինչի համար որ նրանք աղոթում են՝ մենք, մեր բազկի զորությամբ և մեր սրի սուր ծայրով պաշտպանում ենք երկիրը, այն էլ ոչ թե տանիքով ծածկված, այլ բաց երկնքի տակ՝ դառնալով թիրախ, որին ամառը արևի անտանելի ճառագայթներն են հարվածում, ձմեռը ծակծկող սառնամանիքը։ Ուստի մենք աշխարհիս երեսին Աստծո ծառաներն ենք, մենք այն ձեռներն ենք, որոնց միջոցով երկրի վրա իրականանում է արդարությունը։ Եվ որովհետև ռազմական և հարակից այլ գործերով առանց մեծ լարվածության, քրտինքի և աշխատանքի չի կարելի պարապել, ուստի դրանից բխում է, որ այդ գործին նվիրածները, անտարակույս, աշխատում են ավելի, քան նրանք, ովքեր անխռով խաղաղության և հանգստի մեջ խնդրում են, որ Աստված ողորմի զրկանքներին։ Ես չեմ ուզում ասած լինել ― այդպիսի միտք գլխովս էլ չի կարող անցնել ― որ թափառական ասպետների գործը նույնքան սուրբ է, ինչպես փակ վանականների կյանքը։ Ես միայն այն զրկանքներից, որ պատահում է ինձ կրել, եզրափակում եմ, որ մեր գոյությունն ավելի ծանր է, աղքատիկ, մաշող, աղեքարշ, ավելի է ենթակա քաղցի, ծարավի, ոջլոտության, որովհետև անտարակույս է, որ բոլոր վաղեմի թափառական ասպետներին իրենց կյանքի ընթացքում պատահել է կրել բազմաթիվ տառապանքներ։ Իսկ եթե նրանցից մեկն ու մեկին աջողել է սեփական սրի զորությամբ կայսր դառնալ, ապա հավատացած եղեք, որ այդ քիչ քրտինք ու արյուն չի նստել։ Համ էլ, եթե այդ բարձր աստիճաններին հասնելու պահին նրանց օգնած չլինեին իմաստուններն ու կախարդները, ապա նրանք իրենց թե՛ ցանկություններում խաբված կմնային, թե՛ իրենց հույսերում հիասթափված։
― Միանգամայն համաձայնեմ ձեզ հետ, ― պատասխանեց ճամբորդը, ― սակայն թափառական ասպետների մասին բոլոր իմացածներիցս մեկ բան չեմ հավանում՝ երբ որ նրանք որևէ մեծ և վտանգավոր արկածի մեջ են նետվում, որի մեջ նրանց կյանքը ենթարկվում է ակներև վտանգի, այդ վճռական վայրկյանին նրանց գլխով երբեք չի անցնում հանձնել իրենց Աստծո ողորմածությանը, ինչպես նման վտանգի միջոցին պարտավոր է անել յուրաքանչյուր քրիստոնյա, ընդհակառակը՝ նրանք հանձնում են ինքներն իրենց տիկիններին, այն էլ այնպիսի ջերմությամբ ու ակնածությամբ, ասես թե այդ աղջիկները աստվածություն են։ Խոստովանում եմ, դրանից մի քիչ հեթանոսության հոտ է փչում։
― Այլ կերպ չի էլ կարող լինել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և եթե թափառական ասպետն այդ չաներ, նա ինքն իրեն խայտառակած կլիներ։ Որովհետև թափառական ասպետության մեջ կանոն և սովորույթ կա, որ թափառական ասպետը, պատրաստվելով մեծ մարտի մեջ մտնելու, սիրով ու քնքշությամբ հայացք գցի իր տիկնոջ վրա, եթե նա ներկա է, կարծես թե խնդրելով նրա օգնությունն ու պաշտպանությունը առաջիկա ծանր փորձության մեջ, և անգամ եթե ոչ ոք չի լսում, նա պետք է ատամների արանքից մի քանի խոսք շշնջա, ամբողջ սրտով կոչելով նրա ողորմածությունը։ Վեպերում դուք կգտնեք անթիվ օրինակներ այդ բանի։ Սակայն դրանից չի կարելի եզրակացնել, որ ասպետներն իրենց Աստծուն պահ չեն տալիս՝ դրա համար նրանք միշտ ժամանակ էլ կունենան, դեպք էլ՝ հենց մարտի ընթացքում։
― Այնուամենայնիվ, ― պատասխանեց ճամփորդը, ― իմ մեջ կասկած է մնում։ Շատ անգամ ես կարդացել եմ, որ երկու թափառական ասպետ վեճի են բռնվում, ապա աստիճանաբար վառվում ցասումով, շուռ են տալիս ձիերը և գնում մի կողմ, որ այնտեղից թափով քշեն գան, հարձակվեն իրար վրա, և սրընթաց արշավի պահին իրենց պահ են տալիս իրենց տիկիններին։ Իսկ կռիվը սովորաբար վերջանում է նրանով, որ նրանցից մեկն ու մեկը վայր է ընկնում ձիուց մեջքի վրա, խոցված հակառակորդի նիզակով, իսկ մյուսը պինդ բռնում է ձիու բաշից և միայն այդ պատճառով գետին չի գլորվում։ Եվ ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե սպանված ասպետը ինչպե՞ս կարող է այդքան արագընթաց մարտի միջոցին իրեն Աստծուն պահ տալու ժամանակ ունեցած լինել։ Նրա համար ավելի լավ կլիներ, եթե ձին քշելիս նա տիկնոջը կոչելու վրա ժամանակ կորցրած չլիներ, այլ՝ իր քրիստոնեական պարտք ու պարտավորության վրա, մանավանդ որ ― ես հավատացած եմ ― հո բոլոր թափառական ասպետները հնարավորություն չունեն իրենց պահ տալու իրենց տիկիններին, քանի որ բոլորն էլ հոր սիրահարված չե՛ն լինում։
― Այդ հնարավոր չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ես ուզում եմ ասած լինել, որ առանց տիկնոջ թափառական ասպետ լինել չի կարող, քանի որ նրանցից ամեն մեկին նույնքան հատուկ է սիրահարված լինել, ինչպես երկնքին՝ աստղեր ունենալ, և կարելի է հաստատ ասել, որ աշխարհիս երեսին այնպիսի վեպ չկա, որի մեջ թափառական ասպետն անսեր լինի՝ չէ՞ որ եթե այդպիսի անսեր ասպետ եղած լիներ, նա դրանով իսկ ապացուցած կլիներ, որ ինքը ապորինի ասպետ է, ասպետության խորթ զավակն է, որ նա ասպետության ամրոցը մտել է ոչ թե դարպասից, այլ թռել է պատի վրայով գող ավազակի պես։
― Այնուամենայնիվ, ― առարկեց ճամփորդը, ― ինձ թվում է, եթե միայն հիշողությունս ինձ չի դավաճանում, թե դոն Գալաորը՝ արի Ամադիս Գաղղիացու եղբայրը, երբեք ազնվազարմ տիկին չի ունեցել, որին կարողանար իրեն պահ տալ, և ոչ ոք նրան չի մեղադրել, որովհետև նա շատ արի և փառավոր ասպետ է եղել։
Դրան մեր դոն Կիխոտը պատասխանեց․
― Սինյոր, մեկ ծիծեռնակը գարուն չի բերում, բացի այդ՝ ինձ հայտնի է, որ այդ ասպետը գաղտնի սաստիկ սիրահարված է եղել։ Եվ եթե նա սիրաշահում էր բոլոր տիկիններին, որ նրան դուր էին գալիս, ապա այդ բնական հակումից մղված էր անում, որ չէր կարողանում զսպել։ Սակայն ինձ համար միանգամայն ակներև է, որ նա ունեցել է տիկին, որին նա իր սրտի տիրուհին էր դարձրել և որին նա միշտ և գաղտնի իրեն պահ էր տալիս, որովհետև ձգտում էր շատ գաղտնի ասպետ լինել։
― Քանի որ դուք պնդում եք, ― ասաց ճամփորդը, ― որ յուրաքանչյուր ասպետ ըստ իր էության պետք է սիրահարված լինի, ապա դրանից կարելի է հետևեցնել, որ ձեր ողորմածությունն էլ է սիրահարված, որովհետև դուք այդ ուխտին եք պատկանում։ Եվ եթե ձերդ ողորմածությունը չի ձգտում դոն Գալաորի չափ գաղտնապահ լինել, ապա ես շատ և շատ խնդրում եմ ձեզնից իմ և բոլոր հասարակության անունից՝ հայտնել ձեր չքնաղ տիկնոջ անունը, ծննդավայրը և տիտղոսը։ Որովհետև նա պետք է երջանիկ լինի, եթե ամբողջ աշխարհը իմանա, որ նրան սիրում ու ծառայում է այնքան ականավոր մի ասպետ, ինչպիսին ներկայանում է ինձ ձերդ ողորմածությունը։
Այստեղ դոն Կիխոտը խորը հոգվոց քաշեց և ասաց․
― Չեմ կարող պնդել, թե իմ քնքուշ թշնամուն ցանկալի է, որ արար աշխարհն իմանա՝ ինչպե՞ս եմ ես ծառայում նրան։ Ձեր այնքան քաղաքավարի հարցին ի պատասխան մի բան միայն կարող եմ ասել՝ նրան Դուլսինեա են կոչում, նրա ծննդավայրը Տոբոսն է Լամանչի մի շեն, նա առնվազն իշխանուհի է, քանի որ նա իմ տիրուհին ու թագուհին է։ Նրա գեղեցկությունը գերմարդկային է, որովհետև գեղեցկության բոլոր անհնարին և ցնորական հատկանիշները, որոնցով պոետները օժտում են իրենց տիկիններին, նրա մեջ իրականություն են։ Նրա մազերը ոսկին են, դեմքը՝ Ելիսեյան դաշտ, հոնքերը՝ երկնային ծիածան, աչքերը արևներ, այտերը՝ մարմար, ձեռները՝ փղոսկր, մորթի սպիտակությունը՝ ձյուն, իսկ մարմնի այն մասերը, որ ողջախոհությունը թաքցնում է մարդկային հայացքից, այն տեսակ են, որ իմ կարծիքով ու հասկացողությամբ, նրանցով կարելի է լոկ համեստաբար հիանալ, որովհետև ամեն համեմատությունից վեր են։
― Մենք կկամենայինք իմանալ նրա ծագումը, ցեղի պատմությունն ու ծննդաբանությունը, ― ասաց Վիվալդոն։
Դոն Կիխոտը պատասխանեց․
― Նա սերում է ո՛չ թե հին հռոմեական Կուրցիոսներից, Կայերից կամ Սցիպիսներից և ո՛չ այժմյան հռովմայեցիներից՝ Կոլոննա և Օբսինի, ո՛չ կատալոնցի Մոնկադաներից և Ռեկեսեններից, նմանապես ո՛չ վալենսական Ռեբելյաներից և Վիլյանովաներից, արագոնացի Ալադոններից, Ուրրեաներից, Ֆոսսերից և Հուրրեաներից, Կաստիլցի Սերդաներից, Մանրիկեներից, Մենդոսներից և Հուսմաններից, պորտուգալացի Ալենկաստրոներից, Պալյաներից և Մենեսներից։ Նա Տաբոս Լամանչեցիների ցեղից է, որ այնքան էլ հին չէ, բայց կարող է ազնիվ սկիզբ դնել ամենաազնվական սերունդների գալիք ժամանակներում։ Եվ եթե մեկն ու մեկի խելքին փչի առարկելու ինձ, ես նրա առջև կդնեմ նույն պայմանները, որ Զերբինոն դրեց Ռոլանդի ավարի ներքո՝
․․․Նրանց ձեռք տալու նա՛ է լոկ արժան,
Ով ռազմիկ է քաջ Ռոլանդի նման։[71]
― Թեև ես Լարեդցի Կաչոպինների[72] ցեղից եմ սերում, ― պատասխանեց ճամփորդը, ― բայց չեմ հանդգնի նրան Տոբոս Լամանչեցիների ցեղին համեմատելու, թեև ճիշտն ասած, մինչև օրս ես եբեք այդպիսի անուն լսած չկամ։
― Դուք ասացիք, ես էլ հավատացի, որ չե՜ք լսել, ― բացականչեց դոն Կիխոտը։
Մեր զրուցակիցների ուղեկիցները մեծ ուշադրությամբ լսում էին նրանց խոսակցությունը, և հիմա հովիվներն անգամ գլխի ընկան, որ մեր դոն Կիխոտը վերջնականապես ցնդել է։ Մենակ Սանչո Պանսան էր հավատացած, որ իր տիրոջ բոլոր խոսքերը զուտ ճշմարտություն են, որովհետև նա լավ էր ճանաչում նրան և ծանոթ էր նրա ծննդյան օրից։ Մի բան միայն նրան կասկածելի էր թվում, ― դա չքնաղ Դուլսինեա Տոբոսցու գոյությունն էր, որովհետև թեև նա Տոբոսոյի մոտերքում էր ապրում, դեռ երբեք այդպիսի անուն և այդպիսի իշխանուհու մասին լսած չկար։ Այսպես զրուցելով, նրանք շարունակեցին ուղին, մինչև որ վերջապես երկու բարձր սարի միջև՝ կիրճում մի երկու տասնյակ հովիվներ տեսան, որ սև ոչխարի մորթ ունեին հագին և գլուխներին դրել էին պսակներ, որոնք, ինչպես շուտով պարզվեց, մասամբ նոճու, մասամբ կարմրածառի ճյուղերից էին հյուսված։ Վեց հոգի նրանցից տանում էին մի պատգարակ՝ ծածկված զանազան ծաղիկներով ու ճյուղերով։ Տեսնելով այդ՝ մեր հովիվներից մեկն ասաց․
― Ահա, տեսնում եմ Խրիզոստոմոյի դիակը։ Այս լեռան ստորոտում է նա հրամայել թաղել իրեն։
Մեր ճամփորդներն արագացրին քայլերը և մոտեցան հենց այն վայրկյանին, երբ պատգարակը դրված էր գետնի վրա, և պատգարակը կրողներից չորս հոգի սրածայր քլունքներով սկսել էին փորել գերեզմանը՝ լերկ ժայռից ոչ հեռու։
Երկու խումբը ողջույններ փոխանակեցին, և դոն Կիխոտն իր ուղեկիցների հետ իսկույն մոտեցավ պատգարակին, և նրանք տեսան վրան, ծաղիկների մեջ թաղված, հանգուցյալին, որ, տեսքին նայած, մոտ երեսուն տարեկան էր և ուներ հովվի հագուստ։ Նայելով մեռածին՝ չէր կարելի չհետևցնել, որ նա կենդանի ժամանակ գեղեցիկ դեմք և վայելուչ կազմվածք էր ունեցել։ Նրա շուրջը, պատգարակի վրա մի քանի գիրք ու ձեռագիր էր ընկած, որոնցից մի քանիսը բաց էր։ Ներկա եղողները՝ և՛ նրանք, որ նայում էին, և՛ նրանք, որ գերեզման էին փորում, և բոլոր մնացածները ― խորին լռություն էին պահպանում, մինչև որ պատգարակը բերողներից մեկն ասաց մյուսին․
― Մի լավ նայեք, Ամբրոսիո, այն տե՞ղն է սա, որի մասին ասում էր Խրիզոստոմոն, քանի որ դուք կամենում եք նրա կտակը ամենայն ճշտությամբ կատարած լինել։
― Այո, հենց այն է, որ կա, ― պատասխանեց Ամբրոսիոն, ― քանի՜֊քանի՜ անգամ, այստեղ նստած, իմ դժբախտ բարեկամը պատմել է իր ցավագին պատմությունը։ Այստեղ, նրա ասելով, նա առաջին անգամը տեսել է մարդկային ցեղի մահազդու այդ թշնամի Մարսելային, այստեղ նա առաջին անգամը նա բաց է արել իր ազնիվ և սիրահարված սիրտը, և այստեղ վերջին անգամը Մարսելան իր արհամարհանքով նրան հուսահատեցրեց, որից հետո նա վճռեց ավարտել իր չարաչար կյանքի ողբերգությունը։ Եվ ահա, ի հիշատակ այսքան աղետների, նա կամեցավ, որ հենց այստեղ նրան հավիտյան մոռացման ծոցն ընկղմեն։
Եվ դառնալով դոն Կիխոտին ու նրա ուղեկիցներին, նա շարունակեց․
― Այս մարմինը, սինյորներ, որին դուք նայում եք ցավակցությամբ, իր մեջ պահում էր մի հոգի, որին երկինքը շնորհել էր իր անհամար գանձերը։ Սա Խրիզոստոմոյի աճյունն է, որ առաջինն էր խելքով, միակը՝ քաղաքավարությամբ, աննմանը՝ ազնվությամբ, բարեկամության փյունիկը, անչափ մեծահոգին, արժանավորը առանց մեծամտության, ուրախը առանց սանձարձակության, մի խոսքով՝ առաջնագույնը բոլոր առաքինություններով, որ չունեցավ իրեն հավասարը իր դժբախտություններով։ Նա սիրում էր ― նրան ատում էին, նա աստվածացնում էր ― նրան մերժում էին։ Նա աղերսում էր գազանային սրտին, սեր հայցում մարմարե կուռքից, ընկել էր քամու ետևից, կանչում էր անապատում, ծառայում էր անսրտության մարմնացումին ― և ահա՛, ի պարգև այդ ամենի, նա մահվան ավար դարձավ ծաղիկ հասակում։ Նրան սպանեց հովվուհին, որին նա ձգտում էր անմահացնել, որպեսզի նա ապրի մարդկանց հիշողության մեջ, դրան ապացույց ձեռագրերը, որ ձեր աչքի առջև են, եթե նա հրամայած չլիներ հրին մատելու դրանք, իր մարմինը հողին հանձնելուց հետո։
― Եթե դուք այդ անելու լինեք, ― առարկեց Վիվալդոն, ― դուք ավելի դաժան ու խստասիրտ վարված կլինեք, քան ինքը տերը, որովհետև պետք չէ և կարիք չկա կատարել այն հրամանները, որ առողջ իմացականության հակառակ են։ Եվ անարդարացի կլիներ կայսր Օգոստոսը, եթե նրան թույլ տար կատարելու այն, ինչ կտակել էր աստվածային մանտուանեցին։[73] Ուստի, սինյոր Ամբրոսիո, հանձնեցեք հողին ձեր բարեկամի աճյունը, բայց մոռացության մի՛ք մատնի նրա գրությունները։ Որովհետև, եթե նա նեղացած հրամայել էլ է անել այդ, պետք չէ՛, որ դուք առանց դատողության կատարեք, ընդհակառակը՝ թող նրա գրություններն ապրեն և թող նրանց մեջ ապրի հավետ Մարսելայի դաժանությունը, և թող ապագայում դա բոլոր կենդանի մնացածների համար խրատ լինի, որպեսզի նման անդունդներ ընկնելուց զգուշանան և խուսափեն։ Ե՛ս էլ, իմ բոլոր ուղեկիցնե՛րն էլ գիտենք արդեն ձեր սիրահարված և հուսահատված բարեկամի պատմությունը, թե որքան խորը դուք նրան սիրելիս եք եղել և ինչպես է նա մահացել և ինչ է կտակել ձեզ մեռնելուց։ Այս ողբալի վեպից կարելի է հետևեցնել, թե որքան մեծ է եղել Մարսելայի խստասրտությունը, Խրիզոստոմոյի սերն ու ձեր հավատարիմ բարեկամությունը։ Ահա՛ թե ի՜նչ նպատակի են սլանում աչքերը խուփ նրանք, որոնց ուղի է ցույց տալիս սերը։ Երեկ երեկոյան մենք տեղեկացանք Խրիզոստոմոյի վախճանի մասին և որ նրա թաղումը տեղի կունենա այստեղ։ Ափսոսանքն ու հետաքրքրությունը հարկադրեցին մեզ ծռել ուղիղ ճամփից, և մենք վճռեցինք մեր աչքերով տեսնել այն, ինչի պատմությունը մեզ այնքան խղճահարեց։ Եվ ահա՛, որպես վարձատրություն մեր ցավակցության և ցանկության՝ օգնելու ձեր ցավին, մենք խնդրում ենք քեզնից, որ այդ թղթերը չայրեք և գոնե մի քանիսը տաք ինձ։
Եվ, առանց հովվի պատասխանին սպասելու, նա մեկնեց ձեռքը և բռնեց ձեռագրերը, որ ավելի մոտ էին նրան։ Տեսնելով այդ՝ Ամբրոսիոն ասաց․
― Ձեզ սիրալիրություն անելու համար, սինյոր, ես համաձայն եմ ձեզ տալու այն թղթերը, որ դուք արդեն վերցրիք, բայց զուր կլիներ ձեր հույսը, որ մնացածը չի այրվի։
Վիվալդոն, որ կամենում էր ծանոթանալ ձեռագրերի բովանդակությանը, իսկույն նրանցից մեկը բաց արեց և կարդաց վերնագիրը՝ «Հուսահատության երգ»։ Ամբրոսիոն լսեց ու ասաց․
― Դա վերջին պոեմն է, որ գրել է իմ դժբախտ բարեկամը, և եթե դուք կամենում եք տեսնել, թե ինչ օրի հասցրին նրան դժբախտությունները, կարդացեք բարձր, որպեսզի ձեզ բոլորը լսեն՝ դուք ժամանակ կունենաք այդ անելու, մինչև հովիվները գերեզմանը փորեն պրծնեն։
― Սիրով կկարդամ, ― պատասխանեց Վիվալդոն։
Եվ որովհետև բոլոր ներկա եղողները կամենում էին լսել, նրանք խմբվեցին նրա շուրջը, և նա պարզ ձայնով սկսեց այսպես։
Գլուխ XIV
Որտեղ բերված են հուսահատ հովվի ոտանավորները և այլ անսպասելի եղելություններ
Խրիզոստոմոյի երգը
Անգո՛ւթ, եթե կամենամ ես հիրավի,
Որ տոհմից֊տոհմ, երկրից֊երկիր, ամենուր
Բերնե֊բերան քո համբավը տարածվի,
Ազդարարվի դաժանությունդ անլուր,
Լա՛վ իմացիր, այնպե՜ս, այնպես ես կանեմ,
Որ դժո՛խքն իսկ ուժ կտա ինձ և ավյուն,
Կներարկի վերքերիս մեջ մաղձ ու թույն,
Եվ ես քեզ հետ ուրի՜շ լեզվով կխոսեմ։
Ես կպատմեմ, կազդարարեմ աշխարհին
Վշտիս մասին ու վարմունքի քո դաժան,
Եվ ձայնիս մեջ կթրթռան տենդագին
Բեկորները իմ տանջահար էութայն։
Դու կլսես ոչ թե ձայներ ներդաշնակ,
Այլ ճիչ հոգու՝ խռովահույզ, մոլեգին,
Որը բանտված սիրատոչոր կրծքիս տակ,
Պիտի պոռթկա ու փոթորկի քո հոգին։
Մռնչյունը նետահարված առյուծի,
Ձիգ ոռնոցը չար, սովատանջ գայլամոր,
Վրիժավառ, ցասկոտ ֆշշոցը օձի,
Հրեշների խոլ քրքիջը ահավոր,
Չարագուշակ կռնչյունը ագռավի,
Շառաչյունը մրրիկների ալեհույզ,
Որ գեհեն են դարձնում ընդերքը ծովի,
Եվ մահամերձ եզան բառաչը անհույս,
Հեզ աղավնու մնչյունն անո՜ւշ, սրտագե՜ղ,
Բուի ողբը միալար ու հոգեմաշ,
Տարտարոսի դժնի ժխորը ահեղ
Եվ անսփոփ հառաչանքն իմ աղեխարշ ―
Թող այս բոլորն ի մի ձուլվեն ու պոռթկան,
Ցնցե՛ն, այրե՛ն, լսողի սիրտն ու հոգին․․․
Ավա՜ղ, չունեմ ուրիշ միջոց մոգական
Ցույց տալու իմ տվայտանքը աշխարհին։
Բայց չեն լսի հառաչանքս ողբաձայն
Ոչ ավազներն իմ հայրենի Տագոյի,
Ո՛չ Բեթիսի ձիթենիները բուրյան։
Վես լեռներում, ժեռոտ գրկում վիհերի,
Թավուտներում, հովիտներում ծաղկազարդ,
Ուր չի դրել մարդն իր ոտքը տակավին,
Ու վայրերում արևազուրկ ու անհայտ,
Ճողփյունի տակ զեռունների նեղոսյան,
Որ լիբիացու շնորհներով են սնվում, ―
Հառաչանքս կծավալվի ողբաձայն
Ու կմեռնի արձագանքի պես տրտում․․․
Բայց թող անդորը անապատում ամայի
Տառապանքիս ձայնը հնչի այսուհետ,
Ողջ աշխարհին անգթությունդ պատմի,
Ճակատագիրն իմ դաժան ու չարաղետ։
Քամահրանքը կեղեքում է իմ հոգին,
Սպառվում է համբերությունս արդեն,
Կասկածներս արդյոք զո՞ւր են, թե՞ տեղին,
Տոչորում է սիրտս խանդը հրեղեն։
Բաժանումից ի՞նչ կա ծանր առավել,
Երբ լքումն է սիրող սրտին սպառնում․․․
Հույսն ինչքան էլ փորձի սիրտն այդ սփոփել,
Զուր է, այնտեղ մահվան գիշեր է իջնում։
Մինչդեռ ես կամ հրաշքով մի անմեկին,
Ճաշակում եմ թույնը խանդի ու լքման,
Եվ գիտեմ, որ ընդմիշտ մերժված է հոգիս։
Մորմոքում եմ և չունեմ ելք փրկության։
Տանջվում եմ ես տիվ ու գիշեր
Եվ խզում եմ իմ հույսի թելը վերջին,
Որ անդունդը տանջանքներիս անհամար
Էլ ավելի խորանա ու խավարի։
Մի՞թե, մի՞թե հնարավոր է կյանքում
Միաժամանակ և՛ երկնչել, և՛ հուսալ,
Երբ հույսն աղոտ և խորն են ահ ու անկում․․․
Կարո՞ղ եմ ես ուսիս խանդի լուծն զգալ,
Սակայն լռել ցավիս մասին հոգետանջ։
Ո՞վ, ո՞վ արդյոք երկմտության, հեգնանքի
Սև դռները բաց չի անի քո առաջ,
Երբ հայտնի է, որ տանջված ես դառնագին
Եվ ծաղրված, արհամարհված վատաբար,
Երբ ճշմարիտն արդեն թվում է կեղծիք․․․
Ո՛վ խանդ, սիրո տառապանքի՛ տիրամայր,
Շղթայի՛ր ինձ, դիր ձեռքերիս կապանքներ․․․
Բայց կամովքի՞ տանջանքներով անհամար
Սիրող սիրտս, որ խոցված է կարեվեր։
Ես կմեռնեմ ու որպեսզի չխմեմ
Դառը թույնը կյանքի հույսի ու մահվան,
Աշխարհով մեկ ես անդադար կգոչեմ․
Ճշմարիտը սիրող սրտե՛րն են միայն։
Այն հոգին է միայն ազատ լուսնի տակ,
Որ տրվում է խոնարհաբար Ամուրին։
Ես կգոչեմ, որ մաքուր են, անապակ
Իմ սիրածի և՛ մարմինը և՛ հոգին։
Իսկ որ հեգնում, քամահրում է ինձ այսպես,
Դրա համար հանցավոր եմ միայն ես,
Ես կգոչեմ, որ Ամուրը աշխարհին
Տանջանքի հետ շնորհում է և բարին։
Այս մտքի հետ վզիս՝ օղակը մահվան,
Ես քարշ կտամ ճակատագիրս տրտում,
Եվ կքայլեմ դեպի մթին գերեզման,
Ուր մղում են ինձ ահա վերք ու մերժում։
Ես հողմերին կտամ հոգի ու մարմին,
Ու բաժին չի մնա ինձնից էլ փառքին։
Ո՛վ դու, որի վարմունքն անխիղճ, անարդար
Ապացույցն է իմ անսփոփ տանջանքի,
Երբ իմանաս իմ վերքերից անհամար
Որ բորբ սիրտս հեզ ստրուկն է թովչանքիդ,
Ու լազուրը պայծառ, անվիշտ աչքերիդ
Թե մռայլվի, մթնի հանկարծ իմ մահով,
Օ՛, մի՛ ցողիր արտասուքի ոչ մի շիթ,
Թող չտխրի հպարտ հոգիդ սիրաթով։
Չեմ ուզում, որ նշխարներս հողեղեն
Ծանր զղջման արցունքներդ հեղեղեն։
Ոչ, ծիծաղի՛ր, երբ լսես բոթն իմ մահվան,
Ինչո՞ւ իզուր քեզ տանջի վիշտը ունայն,
Բայց աղերսն իմ, գիտեմ, շատ է միամիտ,
Քանզի մահն իմ կուրախացնի լոկ հոգիդ։
Ժամն է արդեն, ո՞ւր է, թող գա, հայտնվի
Տանտալն անհագ՝ Տարտարոսից իր խավար,
Անագորյուն Սիզիֆը թող հայտնվի,
Ժայռեր բերի ու դարձնի շիրմաքար։
Իկսիոնը թող գա կառքով սրընթաց,
Տիցիոսը՝ ուրուրի հետ իր սիրած,
Եվ Դանայան քույրերն՝ իրենց տակառով
Թող գան, թող գան խայտաճամուկ թափորով,
Եվ ամենքն էլ թող տանջանքներ տան հերթով,
Ու անպատանք մարմնիս վրա թող կարդան
Տխուր ախոթքն հրաժեշտի մեղմաձայն։
Թող ձայնակցեն Տարտարոսից խորախոր
Եռագլուխ դռնապանը դժոխքի,
Հրեշները, քիմեոները ահավոր․․․
Ահա՛ միակ մեծարումը մերժվածի։
Ո՛վ ճիչ հոգու, այսքան վհատ մի հնչիր,
Ինձ թաղելիս սքողի՛ր վիշտն իմ անծիր,
Զի նա, որ քեզ ցավեր տվեց անպատում,
Քո մահվան մեջ իր մեծարումն է տեսնում։
Բոլոր ունկնդիրներին շատ դուր եկավ Խրիզոստոմոյի երգը, բայց Վիվալդոն կարդալուց հետո նկատեց, որ նա չի համապատսխանում Մարսելայի համեստության և առաքինության մասին շրջող լուրերին, քանի որ իր ոտանավորում գանգատվում է խանդից, կասկածներից և անջատումից, իսկ այս ամենն արատավորում է Մարսելայի բարի անունը։ Ամբրոսիոն, որ լավ գիտեր իր բարեկամի ամենածպտյալ մտքերը, պատասխանեց դրան․
― Ձեր կասկածները ցրելու համար, սինյոր, ես պետք է ձեզ ասեմ, որ իմ դժբախտ բարեկամը այդ երգը հորինել է Մարսելայից հեռու եղած պահին և բաժանվել է նրանից իր բարի կամքով, որպեսզի տեսնի՝ չի՞ անի նրա վրա անջատումը իր սովորական ազդեցությունը, իսկ որովհետև սիրահարին անջատման միջոցին ամեն ինչ անտանելի և կասկածելի է թվում, Խրիզոստոմոյին էլ հերյուրած խանդ ու երկչոտ կասկածներ էին կեղեքում, այնպես, ինչպես եթե նրանք ունենային հիմք։ Իսկ այն, ինչ լուրերն են ասում Մարսելայի առաքինությունների մասին, մնում է որպես ճշմարտություն։ Ճիշտ է, նա խստասիրտ է, քիչ գոռոզ է և սաստիկ արհամարհող, գալով մնացյալին, ինքը նախանձը չի կարող նրա մեջ և ոչ մի պակասություն գտնել։
― Այո՛, դա ճիշտ է, ― պատասխանեց Վիվալդոն։
Եվ նա մտադիր էր կրակից փրկած ձեռագրերից մեկն էլ կարդալ, սակայն նրան խանգարեց հրաշալի մի տեսիլ (այդպես էր թվում), որ հանկարծակի երևաց նրանց առջև՝ ժայռի կատարին, որի ստորոտում գերեզման էին փորում, երևաց հովվուհի Մարսելան, ― և այնքան չքնաղ էր նա, որ նրա գեղեցկությունը գերազանցում էր այն ամենը, որ նրա մասին ասում էին։ Նրանք, ովքեր նրան առաջ չէին տեսել, լուռ ու սքանչացումով նայում էին նրան, ասենք՝ նրանք էլ, ովքեր սովոր էին նրան հանդիպելու, նրան երբեք չտեսածներից պակաս չէին ապշած։ Սակայն Ամբրոսիոն նրան տեսավ թե չէ, ցասկոտ շեշտով ասաց․
― Օ՜, ամեհի վասիլիսկ այս լեռների, նրա՞ համար ես եկել, որ տեսնես, թե քո մոտենալուց կթափվի, թե չէ արյունը այն դժբախտի վերքերից,[74] որին զրկել է կյանքից քո խստասրտությունը։ Կամ, գուցե, դու ուզում ես պարծենալ քո դաժան բնավորության արածով, կամ թե չէ անսիրտ Ներոնի նման դու մտադիր ես բարձրունքից վայելել այրվող Հռոմի տեսքը և հանդգնորեն տրորել ոտով այս դժբախտ դին, ինչպես Տարկվինիոսի խստասիրտ դուստրը ոտնակոխ արեց իր հորը։[75] Դե՛, շուտ ասա, ինչո՞ւ ես եկել և ի՞նչն է քո սրտին ավելի մոտ, որովհետև, իմանալով, որ քանի Խրիզոստոմոն կենդանի էր, նրա բոլոր մտորումները միշտ հնազանդ են եղել քեզ․ ես կաշխատեմ, որ նրա մահից հետո էլ քեզ հնազանդեն բոլոր նրանք, ովքեր իրենց կոչել են նրա բարեկամը։
― Քո թված պատճառներից և ոչ մեկը, օ՜ Ամբրոսիո, չի մղել ինձ այստեղ գալու, ― պատասխանեց Մարսելան։ ― Ո՛չ, ես եկել եմ պաշտպանվելու և ապացուցելու, թե որքան անարդարացի են նրանք, ովքեր Խրիզոստոմոյի տառապանքի և վախճանի համար ինձ են մեղադրում։ Ուստի խնդրում եմ բոլոր ներկա եղողներից ուշադրությամբ լսելու ինձ, որովհետև խելացի մարդկանց ճշմարտությունը համոզելու համար կարիք չկա շատ ժամանակ և խոսք շռայլելու։
― Երկինքն ինձ ստեղծել է, ինչպես դուք ասում եք, չքնաղ և իմ գեղեցկությունն այնպես է, որ դուք ի վիճակի չեք նրան դիմադրելու, բայց միևնույն ժամանակ դուք ցանկանում ու պահանջում եք, որ, ի վարձատրություն ձեր սիրո, ե՛ս էլ պարտավոր լինեմ ձեզ սիրելու։ Բնական իմաստով, որ պարգևել է ինձ տերը, ես գիտեմ, որ ամեն գեղեցկություն ներշնչում է սեր, բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչ պատճառով գեղեցկությունը, որին սիրում են, պարտավոր է սիրելու նրան, ով իրեն սիրում է, միմիայն նրա համար, որ ինքը սիրված է։ Չէ՞ որ կարող է պատահել, որ գեղեցկություն սիրողը ինքը տգեղ լինի և քանի որ ամեն տգեղ բան զզվելի է, ապա անմիտ բան կլիներ ասել․ «Ես քեզ սիրում եմ, որովհետև դու չքնաղ ես։ Դե՛, սիրիր ինձ, թեև ես տգեղ եմ»։ Սակայն ենթադրենք, թե սիրողը նույնքան գեղեցիկ է՝ դրանից չի բխում, որ երկուսի ցանկությունն էլ պիտի իրար նման լինեն։ Որովհետև ամեն տեսակ գեղեցկություն սեր չի ներշնչում, երբեմն նա ուրախացնում է հայացքը, բայց չի նվաճում սիրտը։ Եթե ամեն գեղեցկություն սեր ներշնչելու լիներ և նվաճելու լիներ սրտերը, ապա մեր ցանկությունները անկարգ ու աղոտ մոլորվելիս կլինեին, առանց գիտենալու, թե ինչի՛ վրա կանգ առնեն, ― որովհետև ինչպես անթիվ֊անհամար գեղեցիկ էակներ կան, այնպես էլ մեր ցանկությունները անթիվ կլինեին։ Իսկ ես լսել եմ, որ ճշմարիտ սերն անբաժան է, որ նա պետք է ազատ լինի և ոչ թե հարկադրված։ Բայց քանի որ այդպես է , ― ես հաստատ համոզված եմ, ― ապա ինչպե՞ս եք դուք պահանջում, որ ես զոռով իմ սիրտը տամ միմիայն այն պատճառով, որ դուք հայտարարում եք, թե սիրում եք ինձ։ Իրավ, ասացեք ինձ, եթե երկինքը, որ ինձ գեղեցիկ է ստեղծել, ստեղծած լիներ տգեղ, արդարացի կլինեի ես՝ գանգատվելով, որ դուք ինձ չեք սիրում։ Միտք արեք նաև այն մասին, որ իմ գեղեցկությունը ես չե՛մ ընտրել։ Ինչ տեսակ էլ նա լինի, երկինքն է այն պարգևել ինձ, մի բան, որ ես ոչ խնդրել եմ, ոչ ընտրել։ Եվ ինչպես օձին չի կարելի մեղադրել, որ նա թունավոր է, որովհետև թույնը, որով նա սպանում է, ինքը բնությունն է նրան տվել, այնպես էլ ես արժանի չեմ մեղադրանքի՝ գեղեցիկ լինելու համար։ Չէ՞ որ ազնիվ կնոջ գեղեցկությունը հեռավոր բոցի կամ սուր թրի նման՝ նա չի այրում և չի վիրավորում, քանի նրան չեն մոտենում։ Պատիվն ու առաքինությունները հոգու զարդերն են, առանց որոնց մարմինն էլ, անգամ գեղեցիկը, չպետք է գեղեցիկ համարվի։ Իսկ եթե մաքրությունը հոգին ու մարմինը ազնվացնող և պճնող առաքինություններից մեկն է, ինչո՞ւ ապա կինը, որին սիրում են նրա գեղեցկության համար, պարտավոր է կորցնել իր մաքրությունը, որպեսզի նրա ցանկությունները կատարած լինի, ով որ միմիայն իր սեփական հաճույքի համար բոլոր ուժով ու միջոցներով ձգտում է, որ նա կորցնի։
Ես ազատ եմ ծնվել և ազատ ապրելու համար ընտրել եմ այս դաշտերի միայնությունը, այս լեռների ծառերը իմ խոսակիցներն են, այս վտակների վճիտ ջուրը՝ իմ հայելիները։ Ծառ ու ջրին ես մասնակից եմ անում իմ մտքերին և իմ գեղեցկությանը։ Ես հեռավոր հուր եմ, ես հեռակա թուր եմ։ Ոմանց ես վառում եմ իմ տեսքով, ոմանց սառցնում եմ իմ խոսքերով։ Ցանկությունները սնվում են հույսերով և որովհետև ես ո՛չ Խրիզոստոմոյին, և ո՛չ որևէ ուրիշին և ո՛չ մի հույս չեմ ներշնչել, ապա արդարացի կլիներ ասել, որ նրան իր սեփական համառությունն է սպանել և ոչ թե իմ խստասրտությունը։ Իսկ եթե դուք ինձ մեղադրում եք նրանում, թե Խրիզոստոմոն ամենաազնիվ դիտավորություններ է ունեցել և թե ես պարտավոր եմ եղել պատասխանելու նրան փոխադարձությամբ, ապա ես դրա դեմ կասեմ՝ երբ որ այն իսկ տեղում, որտեղ դուք հիմա գերեզման եք փորում, նա բաց արեց ինձ իր ազնիվ դիտավորությունները, ես նրան պատասխանեցի, որ մտադիր եմ մշտական մենության մեջ ապրելու և որ միայն հողը կվայելի իմ ողջխոհության պտուղը և իմ գեղեցկության ավարները։ Իսկ եթե նա, չնայած իմ բոլոր համոզումներին, կամեցավ համառել հակառակ հույսի և լողալ ընդդեմ քամու կարելի՞ է ապա զարմանալ, որ նա խեղդվեց իր իսկ ցնորամտության ծովում։ Եթե ես նրան հույս տալու լինեի, ես ստախոս կլինեի։ Եթե ես բավարարեի, ես իմ լավագույն մտադրությունների և վճիռների դեմ գնացած կլինեի։ Սակայն չնայած իմ բոլոր համոզումներին՝ նա համառում էր և, առանց իմ կողմից ատված լինելու, հուսահատության մեջ ընկավ։ Դե, մտածեցեք հիմա, խելացի՞ կլինի արդյոք նրա ցավի համար ինձ մեղադրելը։ Թող գանգատվի խաբվածը, թող հուսահատվի նա, ում դավաճանել են ներշնչված հույսերը, թող հուսա նա, ում որ ես կանչում եմ, թող հպարտանա նա, ում որ ես թույլ եմ տալիս մերձենալ ինձ, բայց թող ինձ խստասիրտ մարդասպան չկոչեն նրանք, ում որ ես ոչինչ չեմ խոստացել, ում որ չեմ խաբել, չեմ կանչել, չեմ մերձեցրել ինձ։
Մինչև օրս երկնքին հաճելի չի եղել, որ բախտն ստիպեր ինձ սիրելու։ Եվ չմտածեք անգամ, որ ես երբևիցե իմ սեփական ընտրությամբ կսիրեմ։ Թող այս նախազգուշացումը դաս դառնա բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են յուրաքանչյուրն իր համար ստանալ իմ շնորհները և այսուհետև թող բոլորին հայտնի լինի, որ եթե մեկն ու մեկը մեռնելու լինի իմ պատճառով, ապա նա ո՛չ վշտից, ո՛չ էլ խանդից կմեռնի։ Որովհետև նա, ով ոչ ոքի չի սիրում, ոչ ոքի մեջ խանդ արթնացնել չի կարող, իսկ խլել հույսը՝ չի նշանակում արհամարհել։ Ով որ ինձ գազան ու վասիլիսկ է անվանում, թող լքի ինձ, որպես վնասակար և չար արարածի, ով որ անզգա է համարում, թող ինձ չծառայի, ով որ անշնորհակալ՝ թող հետս ծանոթություն չպահպանի, ով որ խստասիրտ՝ թող չհետևի ինձ։ Որովհետև գազանը, վասիլիսկը, անզգան, անշնորհակալը և խստասիրտը երբեք չի որոնի նրանց, ծառայի նրանց, ծանոթություն անի նրանց հետ, հալածի նրանց։ Խրիզոստոմոյին սպանեցին անհամբերությունն ու բոցավառ կիրքը․ ի՞նչ կարիք կա ուրեմն մեղադրելու իմ զսպվածությունն ու համեստությունը։ Եթե ես ծառերի հասարակության մեջ պահպանում եմ իմ մաքրությունը, ապա ինչո՞ւ եք դուք կամենում, որ ես կորցնեմ այն մարդկանց հասարակության մեջ։ Դուք գիտեք, որ ես սեփական հարստություն ունեմ և ուրիշինն ինձ պետք չէ։ Ես ազատ եմ և իմ մեջ ստրկանալու ցանկություն չկա։ Ես ոչ ոքի չեմ սիրում և չեմ ատում, չեմ հրապուրում մեկին, ծաղր ու ծանակ չեմ անում մյուսին, սիրալիրություն չեմ ցույց տալիս երրորդին։ Ես գոհանում եմ համեստ զրույցով այս գյուղերի հովվուհիների հետ և այծիկների հոգսերով։ Իմ ցանկություններն այս լեռների սահմաններից այն կողմ չեն անցնում, իսկ եթե անցնում էլ են, ապա միայն հայելու գեղանի երկինքը, այն ուղին, որով հոգին ձգտում է իր սկզբնական ապաստարանը։
Այս խոսքերից հետո, առանց պատասխանի սպասելու, Մարսելան շուռ եկավ և չքացավ անտառի թավուտում, որ ծածկել էր մերձագույն սարը, իսկ բոլոր ներկա եղողները ապշած էին մնացել ինչպես նրա խելքից, այնպես էլ գեղեցկությունից։ Մի քանիսը (որոնց նրա չքնաղ աչքերի ճառագայթների հզոր նետը խոցեց) արդեն պատրաստ էին հետևելու նրան, չանսալով պարզ նախազգուշացումին, որ նոր էին լսել։ Նկատելով այդ, դոն Կիխոտը վճռեց, որ իրեն լավ առիթ է ներկայանում կատարելու իր ասպետական պարտականությունը, որ հրամայում է օգնության հասնել հալածական աղջիկներին, ուստի ձեռքը դնելով իր թրի երախին, նա բարձր ու պարզ ձայնով հայտարարեց․
― Ոչ ոք չհանդգնի ինչ դասի ու դիրքի տեր էլ լինի նա, հետապնդելու չքնաղ Մարսելային, եթե չի ուզում իմ կատաղի ցասմանը ենթարկվել։ Նա պարզ ու համոզիչ խոսքերով ապացուցեց, որ գրեթե, կամ, ավելի ճիշտ՝ բնավ մեղավոր չէ Խրիզոստոմոյի մահվան մեջ և ամենևին տրամադիր չէ իր երկրպագուներից որևէ մեկի աղերսանքին անսալու։ Այս պատճառով բոլոր բարի մարդիկ չպիտի ձգտեն նրա հետևից ընկնելու և հետապնդելու նրան, այլ պատվեն ու հարգեն, քանի որ պարզ է, որ աշխարհիս երեսին այսքան մաքուր մտադրություններով ուրիշ էակ չկա։
Դոն Կիխոտի սպառնալիքի ազդեցության ներքո, թե այն պատճառով, որ Ամբրոսիոն խնդրեց հովիվներից մինչև վերջ կատարելու իրենց պարտականությունը բարի բարեկամի հանդեպ, միայն թե նրանցից և ոչ մեկը տեղից չշարժվեց և չհեռացավ, մինչև որ գերեզմանը փորեցին, այրեցին Խրիզոստոմոյի թղթերը և դառն արցունքներով նրա դիակը դրին հողի մեջ։ Գերեզմանի վրա ժամանակավորապես մեծ քար դրին, մինչև որ պատրաստ կլինի գերեզմանաքարը (որ Ամբրոսիոն, ինչպես ինքը հաղորդեց, մտադիր էր պատվիրելու) հետևյալ տապանագրով՝
Սիրահարն է այստեղ հանգչում,
Հովիվ տղան վաղամեռ,
Նա դեգերեց սերը սրտում,
Շիրիմ իջավ սիրամերժ։
Անգութ սե՜րը խոցեց նրան,
Որով Ամուրը անհագ,
Ավա՜ղ, տեր է միահեծան
Տիեզերքում բովանդակ։
Ապա գերեզմանի վրա բազմաթիվ ծաղիկներ ու ճյուղեր թափելով և հանգուցյալի բարեկամ Ամբրոսիոյին ցավակցություն հայտնելով հովիվները ցրվեցին։ Վիվալդոն իր ուղեկիցների հետ ճամփա ընկնելու վրա էր, և դոն Կիխոտը հրաժեշտ տվեց իրեն ապաստանող հովիվներին և ճամփորդներին։ Վերջիններն առաջարկեցին նրան իրենց հետ Սևիլիա գնալ, ասելով, որ արկածախնդրի համար դա չափազանց հարմարավոր տեղ է, թե արկածներ ամեն անկյունում, ամեն նրբափողոցում պատահում են ավելի հաճախ, քան ուրևիցե։ Դոն Կիխոտը շնորհակալություն հայտնեց նրանց խորհուրդի և իրեն ծառայություն անելու պատրաստակամության համար, բայց հայտարարեց, որ չի կարող և չպետք է Սևիլիա գա, մինչև որ չազատի այս լեռները գող֊ավազակներից, որոնք, ըստ լուրերի, վխտում են այստեղ։ Համոզվելով, որ նրա բարի մտադրությունն անհողդողդ է, ճամբորդները հնարավոր չհամարեցին պնդելու և մեկ էլ հրաժեշտ տալով նրան, գնացին իրենց ճամփով, որի ընթացքում նրանք կարող էին կուշտ զրուցել Մարսելայի և Խրիզոստոմոյի պատմության շուրջը, ինչպես և դոն Կիխոտի խելագարությունից։ Իսկ մեր ասպետը որոշեց գնա Մարսելային որոնելու, որպեսզի առաջարկի նրան իր ծառայությունը։ Սակայն նրա մտադրություններին վիճակված չէր իրականանալու, ինչպես զրուցում է շարունակությունը այս ճշմարտապատում պատմության, որի երկրորդ մասը ավարտվում է այստեղ։
Գլուխ XV
Ուր պատմվում է չարաբախտ արկածի մասին, որ պատահեց դոն Կիխոտին, շնորհիվ նրա հանդիպումին խստասիրտ յանգուասցիների հետ
Իմաստուն Սիդ Համեդ Բենենեխելին պատմում է, որ հրաժեշտ տալով իրեն հյուրընկալողներին և հովիվ Խրիզոստոմոյի թաղմանը բոլոր ներկա եղածներին, դոն Կիխոտը և նրա զինակիրը դիմեցին դեպի այն անտառը, որտեղ նրանց աչքերի առջև ուղղեց իր քայլերը հովվուհի Մարսելան։ Ավելի քան երկու ժամ այնտեղ բոլոր ուղղություններով որոնումների մեջ անցկացնելուց և ոչ մի տեղ նրան չգտնելուց հետո, նրանք հասան մի շատ կանաչ դաշտ, որտեղ մի խաղաղ ու պաղ վտակ էր հոսում, որ շատ գրավեց նրանց և ձգեց միջօրեի հանգստյան, որի ժամանակն արդեն հասել էր։ Դոն Կիխոտն ու Սանչոն վայր եկան, Ռոսինանտին ու էշին հնարավորություն տալով արածելու, հանեցին իրենց ճամփորդական պայուսակը և առանց աստիճան հարցնելու բարի խաղաղության և համաձայնության մեջ, տերն ու ծառան սկսեցին խժռել այն, ինչ որ մեջը գտնվեց։
Սանչոն հոգ չէր տարել ոտն անել Ռոսինանտին, համարելով նրան այնքան հանդարտ ու բարեհամբյուր, որ Կորդովայի անասնասրահի մադիաները[76] չէին կարող կարծես, խռովել նրա հանգիստը։ Սակայն բախտը, երևի սատանան էլ (որ միշտ էլ քնած չի լինում), այնպես արին, որ այդ փոքրիկ հովտում արածում էր Գալլիսիայի մադիաններից մի հոտ՝ մի քանի յանգուասցի[77] ձիապանների հսկողությամբ, որոնք սովորություն ունեն իրենց ձիերի հետ խոտ ու ջրով առատ վայրերում կանգ առնելու, ուստի և այն տեղը, որտեղ իջել էր դոն Կիխոտը, նրանց էլ էր հարմար թվացել։ Պատահեց, որ Ռոսինանտի խելքին փչեց տիկին մադիանների հետևից ընկնելու։ Հազիվ էր նա նրանց հոտն առել, որ մոռանալով իր բնավորությունն ու սովորույթը, առանց իր տիրոջից թույլտվություն խնդրելու, նա թաշախուստին յորղայով դիմեց դեպի նրանք՝ իր պահանջը հայտնելու համար։ Սակայն մադիանները, որ ըստ երևույթին ավելի արոտի կարիք ունեին, քան այլ բանի, նրան դիմավորեցին քացիներով և խածելով։ Վայրկյանապես նրանք ճղեցին նրա փորկապը և Ռոսինանտը մնաց առանց թամբի, բոլորովին մերկ։ Սակայն ավելի դառնություն հասավ նրան ձիապաններից, որոնք, տեսնելով նրա ոտնձգությունը մադիանների նկատմամբ, հարձակվեցին նրա վրա մահակներով և հախիցը այնպես եկան, որ նա կիսամեռ փռվեց գետնին։ Այնինչ՝ դոն Կիխոտն ու Սանչոն, տեսնելով Ռոսինանտի կրած ջարդը, շնչակտուր մոտ վազեցին։
― Իսկույն երևում է, Սանչո, բարեկամ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ սրանք ասպետներ չեն, այլ ստոր մարդուկներ, թշվառ խալխ։ Ես նրա համար եմ ասում այդ, որ դու միանգամայն կարող ես ինձ օգնել ըստ արժանավույն վրեժը հանեմ այն վիրավորանքի համար, որ նրանք մեր աչքի առջև հասցրին Ռոսինանտին։
― Վա՜յ այն վրեժին, ― պատասխանեց Սանչոն, ― քանի որ նրանք քսանից ավել են, իսկ մենք՝ թվով երկուս, եթե չասենք՝ մեկ ու կես։
― Ես մենակ հարյուրին արժեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Եվ, ավելորդ խոսքեր չկորցնելով, նա իր թուրը քաշեց և հարձակվեց յանգուասցիների վրա։ Իր տիրոջ օրինակից վարակվելով ու վառվելով, նույնն արեց նաև Սանչո Պանսան։ Դոն Կիխոտն իսկույն հարձակվեց մի ձիապանի վրա և կտրեց նրա հագի չուխան և ուսի մի խոշոր մասը։
Յանգուասցիները, տեսնելով, որ իրենց երկու մարդ ջարդում են, մինչդեռ իրենք այնքան շատվոր են, մահակներն առան և, շրջապատելով իրենց երկու հակառակորդներին, սկսեցին զարմանալի ճարպկությամբ ու եռանդով հարված հարվածի հետևից հասցնել։ Պետք է ձեզ ասեմ, որ երկրորդ իսկ հարվածից Սանչոն փռվեց գետնին, ինչպես և դոն Կիխոտը, որին քիչ օգնեցին նրա վարպետությունն ու արիությունը։ Եվ բախտը կամեցավ, որ նա վայր ընկնի Ռոսինանտի ոտների մոտ, որը տակավին չէր բարձրացել։ Դա լավ դաս էր, թե ինչ կատաղությամբ են մահակները բանում գազազած գյուղացիների ձեռքում։ Ապա թե, յանգուասցիները, տեսնելով իրենց արարքը, ճեպով֊հապճեպով բեռնեցին իրենց մադիանները և ճամփա ընկան՝ թողնելով երկու արկածախնդիրներին շատ թշվառ վիճակում և ավելի վատթար հոգեկան կացության մեջ։
Առաջինն ուշքի եկավ Սանչո Պանսան։ Տեսնելով իրեն պառկած իր տիրոջ հետ՝ նա թույլ ու աղերսալի ձայնով ասաց․
― Սինյոր դոն Կիխոտ, ա՛յ սինյոր դոն Կիխոտ։
― Ի՞նչ ես ուզում, եղբայր Սանչո, ― ասաց դոն Կիխոտը նույնպես թույլ ու թախծալի ձայնով։
― Ես կկամենայի, եթե դա հնարավոր է, ― պատասխանեց Սանչո Պանսան, ― որ ձերդ ողորմածոիթյունն ինձ երկու կում Ֆերտ Բլասի բալասանից տար, եթե ձեր ձեռքի տակ է։ Թերևս նա նույնպես օգնում է կոտրած ոսկորներին, ինչպես և վերքերին։
― Ավա՜ղ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― եթե մենք ունենայինք նրանից՝ էլ ի՜նչ ցավ։ Սակայն երդվում եմ թափառական ասպետի պատվով, Սանչո Պանսա, որ եկու օր չանցած, եթե միայն բախտը խոչընդոտ չհանդիսանա, ես կճարեմ կամ թող իմ ձեռները գոսանան։
― Իսկ ի՞նչ կարծիքի է ձերդ ողորմածությունը, մեր ոտները ե՞րբ կսաղանան։
― Ինչ որ ինձ է վերաբերում, ― պատասխանեց ջարդված ասպետը, ― չեմ կարող ժամկետ որոշել։ Սակայն եղելության մեղքն ամբողջովին իմն է, չպետք է ես թուր քաշեի այնպիսի մարդկանց վրա, որոնք ինձ նման կարգված ասպետներ չեն։ Ուստի, կարծում եմ ես, ասպետական օրենքների այդ խախտման համար, որպես պատիժ, մարտի աստվածը[78] թույլ տվեց, որ հատուցումը գա իմ գլխին։ Այո՛, Սանչո Պանսա, լավ միտդ պահիր, ինչ կասեմ քեզ, որովհետև այդ մեր եկուսիս օգուտը կլինի, հենց որ տեսնես, նման սրիկաները մեզ նեղացնում են, էլ մի սպասիր, որ ես նրանց վրա թուր քաշեմ, այլ իսկույն քոնը քաշիր և պատժիր նրանց, ինչպես քեֆդ տա։ Որովհետև եթե նրանց ազատելու համար օգնության գալու լինին ասպետներ, ապա այն ժամանակ ես կկարողանամ պաշտպանել քեզ և նրանց հախիցը գալ, ինչպես հարկն է։ Չէ՞ որ հազարավոր օրինակներից դու արդեն կարողացել ես համոզվել, թե իմ արի բազկի զորությունը որքան մե՜ծ է։
Ահա՛ թե որքա՜ն էր հպարտացել մեր թշվառ սինյորը քաջ բիսկայցու վրա տարած հաղթանակից հետո։ Սակայն Սանչո Պանսան այլ կարծիքի էր, քան իր տերը, ուստի, լռելու փախարեն, նա պատասխանեց․
― Սինյոր, ես հանգիստ մարդ եմ, հեզ, խաղաղասեր և պատրաստ եմ տանելու ամեն վիրավորանք, որովհետև ես կին ու երեխաներ ունեմ, որոնց պետք է կերակրել և ոտքի կանգնեցնել։ Ուստի, ձեր ողորմածության թույլտվությամբ, ― քանի որ ինձ իշխանություն չի տրված ― ես ոչ մի դեպքում ո՛չ ռամիկի, ո՛չ ասպետի վրա թուր չեմ քաշի և, այս վայրկյանից սկսած, կանխորեն, Աստծո՛ առջև ներում եմ բոլոր վիրավորանքները, որ ինձ հասցրել են կամ ապագայում կհասցնեն, ով էլ լինի ինձ վիրավորողը, ազնվական թե հասարակ մարդ, հարուստ թե աղքատ, հիդալգո թե հարկատու, մի խոսքով՝ ինչ դասի ու դիրքի էլ պատկանելու լինի։
Լսելով այս՝ նրա տերն ասաց․
― Ես կկամենայի, որ ուժս պատեր երկար խոսելու և որ կողքիս ցավը կտրեր և չխանգարեր ինձ բացատրելու քեզ, Պանսա, թե ի՜նչ մոլորության մեջ ես ընկել դու։ Լսիր, մեղավոր արարած, եթե բախտի քամին, որ մինչև հիմա այսքան հակառակ էր մեզ, հանկարծակի փոխվեր և բարեհաջող դառնար, ուռցնելով մեր ցանկությունների առագաստը, առանց խոչընդոտի և արհավիրքի քշեր֊հասցներ նավահանգիստ այն կղզիներից մեկի, որ ես խոստացել եմ քեզ, ― ո՞նց կլիներ քո բանը, եթե նվաճելով այն, քեզ տայի։ Ասել է թե՝ դու ողջ գործը կկործանեիր, քանի որ ասպետ չլինելով, չե՛ս էլ ուզում դառնալ, չես ուզում արիություն հայտնաբերել՝ աշխատելով վրիժառու լինել վիրավորանքի համար և պաշտպանել քո կալվածները։ Դու չէ՞ որ պետք է իմացած լինես, որ նորանվաճ թագավորություններում ու շրջաններում բնակիչների մտքերը երբեք այնքան խաղաղ և նոր իշխանավորին հավատարիմ չեն լինում, որպեսզի կարելի լիներ երկյուղ չկրել խլրտումներից, որոնց նպատակն է նորից փոխել իշխանությունը և, ինչպես ասվում է, փորձել բախտը։ Այդ պատճառով նոր հաղթողին անհրաժեշտ է ինքնազսպություն և արիություն հարձակվելու կամ պաշտպանվելու համար նայած հանգամանքներին։
― Ներկա հանգամանքներում, ― պատասխանեց Սանչոն, ― ես շատ կուզենայի տիրապետել այն ունակությանն ու արիությանը, որոնց մասին խոսում է ձերդ ողորմածությունը։ Սակայն երդվում եմ աղքատի պատվով, որ ես հիմա ավելի տաք սպեղանու կարիք ունեմ, քան խրատի։ Փորձեցեք, սինյոր, կաջողվի՞ ձեզ ոտի կանգնել և եկեք օգնենք Ռոսինանտին վեր կենալու, թեև նա արժանի չէ դրան, որովհետև հենց նա է մեր ջարդվելու պատճառը։ Երբեք չէի սպասի Ռոսինանտից, որին նույնքան ողջախոհ ու խաղաղասեր էի համարում, որքան ինձ։ Ճիշտն ասած՝ այնքան էլ հեշտ չէ ճանաչել մերձավորին, և աշխարհիս երեսին հավատարմություն չկա։ Ո՞վ կսպասեր, թե թրի այն փայլուն հարվածից հետո, որ դուք պարգևեցիք այն դժբախտ թափառական ասպետին, այնքան արագ կհետևի մահակների հարվածների կարկուտը, որ թափվեց մեր ուսերին։
― Քոնը հո, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― սովոր են այդպիսի ձախորդությունների, իսկ իմը, որ սովոր եմ սինաբաֆեի[79] և հոլանդական նուրբ կտավի, իհարկե, նման ձախորդությունից շատ ավելի տուժեցին։ Եվ եթե ես չխորհեի ― ի՜նչ եմ ասում, ― եթե հաստատ իմացած չլինեի, որ բոլոր այդ ձախորդությունները կապված են ռազմական գործի հետ, ես վշտից տեղն ու տեղը կմեռնեի։
Զինակիրը դրան պատասխանեց․
― Քանի որ, սինյոր, նման հունձերը ասպետական գործում անխուսափելի են, ապա ասացեք, խնդրեմ, նրանք մշտապես քիչ֊քիչ են թափվո՞ւմ, թե նրանց համար էլ գոյություն ունեն որոշ ժամկետներ։ Որովհետև, կարծեմ, երկու սրա նման հունձից հետո մենք երրորդի համար անպետք կդառնանք, եթե միայն տերն Աստված, իր անսահման ողորմածությամբ, մեզ օգնության հասնելու չլինի։
― Իմացած եղիր, Սանչո, բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ թափառական ասպետների կյանքը ենթակա է հազար ու մի վտանգների ու պատահարների, սակայն նրանցից յուրաքանչյուրը կարող է հուսալ ամեն վայրկյան թագավոր կամ կայսր դառնալ, ինչպես ցույց է տալիս շատ ասպետների բախտը, որոնց պատմությունն ինձ ստույգ կերպով հայտնի է։ Եվ ես քեզ կպատմեի, եթե ցավն ինձ չխանգարեր, թե ինչպես նրանցից մի քանիսը սոսկ իրենց ձեռքի արիությամբ հասան այդ բարձր կոչմանը, թեև դրանից առա՛ջ էլ, հետո՛ էլ մեծամեծ դժբախտություններ ու ձախորդություններ են կրել։ Այսպես, օրինակ, արի Ամադիս Գաղղիացին մի անգամ իր մահացու թշնամի կախարդ Արկալի իշխանության տակ ընկավ, որը, ինչպես ստուգապես հայտնի է, բռնելով նրան և բակում կապելով սյունից, նրան ավելի քան երկու հարյուր հարված հասցրեց իր ձիու սանձով։ Իսկ մի ուրիշ անանուն և մեծապես հավատի արժանի հեղինակ պատմում է, որ Թեբա ասպետը ծուղակն ընկավ, որ մի դղյակում բացված է եղել նրա ոտների տակ և ինքն իրեն գտավ խորունկ ստորերկրում, որտեղ նրան ոտ ու ձեռ կապած, հրամցրին սառցային ավազախառն լուծողական ջուր և դրանից նա քիչ էր մնացել ոտները մեկներ։ Եվ եթե խեղճ ասպետին օգնության հասած չլիներ մեկ իմաստուն՝ նրա մոտիկ բարեկամը, ապա, անշուշտ, նրա վերջն եկած կլիներ։ Այնպես որ ե՛ս էլ այս ազնիվ մարդկանց հետ պատրաստ եմ համբերելու, քանի որ նրանց կրած դժբախտությունները շա՜տ գերազանցում են մերը։ Իմացած եղիր, Սանչո, որ պատահաբար ձեռք ընկած գործիքով հասցրած վերքերը ամոթաբեր չեն համարվում։ Այդ մասին պարզ ցուցմունք կա մենամարտության կանոնադրության մեջ, որտեղ ասված է․ «Եթե մեկ կոշկակար մյուսին հարվածի կաղապարով, որ բռնած է եղել ձեռքին, թեև կաղապարը փայտից է շինած, չի կարելի համարել, որ նա, որին հարվածել են, փայտով է ծեծվել»։ Ասելս այն է, որ դու չերևակայես, թե որ եթե մեզ այս կռվում ծեծել են, ապա մեր պատիվն անարգված է, ― որովհետև, զենքը, որ այդ մարդկանց ձեռքին էր և որոնցով նրանք մեզ ծեծեցին ― հասարակ մահակ է և նրանցից և ոչ մեկը, որքան հիշում եմ, ո՛չ սուր ուներ, ո՛չ թուր, ո՛չ դաշույն։
― Ես ժամանակ չունեցա զննելու, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև հազիվ էի ձեռքս առել տիսոնը,[80] որ նրանք իրենց մահակներով ինձ այնպես օրհնեցին, որ աչքերիս լույսը մարեց և ոտներս ծալվեցին։ Նրանք իսկույն ինձ գլորեցին այնտեղ, որտեղ ես հիմա պառկած եմ։ Այնպես որ՝ ես բնավ ցանկություն չունեմ խորհելու, անարգվե՞լ է իմ պատիվը փայտի հարվածներից, թե՞ ոչ, նրանք նույնքան խորը խրվեցին իմ հիշողության, որքան և իմ ոսկորների մեջ։
― Այնուամենայնիվ, եղբայր Սանչո, գիտցած եղիր, ― ասաց դոն Կիխոտը, ― որ չկա վիշտ, որ չմոռացվի և ցավ, որ չբուժի մահը։
― Սրանից էլ վատթար ձախորդություն կլինի՞, ― պատասխանեց Սանչոն, ― որ ժամանակը թեթևացնի և մահը բուժի։ Եթե մեր ցավը լավ մահլամով լավացող լիներ ― դա կես֊ցավ կլիներ։ Բայց, կարծեմ, հիվանդանոցի բոլոր մահլամները մեզ հիմա քիչ կօգնեին։
― Թող գանգատներդ, Սանչո, և արիացիր։ Ինձնից օրինակ վերցրու, ― ասաց դոն Կիխոտը։ ― Տեսնենք, թե Ռոսինանտի բանն ինչպես է, որովհետև, կարծեմ, խեղճին մեզնից պակաս չի հասել։
― Զարմանալի չէ, որ այդպես էլ լինի, ― պատասխանեց Սանչոն, ― քանի որ նա՛ էլ է թափառական ձի դառել։ Ես միայն զարմանում եմ, որ իմ էշն է էժան պրծել, առանց մի մազ կորցնելու, մինչդեռ մենք, քիչ էր մնացել, կաշվից զրկվեինք։
― Ձախորդությունների ժամին բախտը միշտ մի անցք է թողնում, որ հնար լինի դուրս պրծնել, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ասելս այն է, որ քո անասունն այս անգամ կարող է փոխարինել Ռոսինանտին և տանել֊հասցնել ինձ որևէ դղյակ, որտեղ կխնամեն իմ վերքերը։ Համ էլ կավելացնեմ, որ այդպիսի մի միջոց ասպետի համար ստորացուցիչ չեմ համարում, որովհետև, մտքիս գալիս է, կարդացել եմ, թե բարի, ծեր Սիլենը, ծիծաղի ուրախ Աստծո խորթ հայրն ու դաստիարակը, ներս մտավ Հարյուրադարպաս քաղաքը մեծ հարմարությամբ մի գեղեցիկ էշ հեծած։
― Ճիշտը միայն այն է, որ ինչպես արտահայտվեց ձեր ողորմածությունը, նա հեծած է եղել, ― ասաց Սանչոն։ ― Մեծ տարբերություն կա ― հեծած գնալ թե փալանի վրա պառկած, ոնց որ աղբով լի ջվալ։
Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Մարտում ստացած վերքերը ավելի շատ պատիվ են բերում, քան խլում։ Ուստի, Պանսա, բարեկամ, էլ մի՛ վիճիր, այլ ավելի լավ է աշխատիր, ինչպես ես արդեն ասացի, զգուշությամբ բարձրացնել ինձ և ըստ կարելվույն հարմար պառկեցնել քո էշի վրա, ապա թե շարժվենք այստեղից, քանի գիշերը չի իջել և այս խուլ վայրում չի կոխել մեզ։
― Բայց ես ձեր ողորմածությունից լսել եմ, ― ասաց Պանսան, ― որ թափառական ասպետները սովորություն ունեն մեծ մասամբ խուլ վայրերում գիշերելու, բաց երկնքի տակ, և որ նրանք այդ մեծ հաջողություն են համարում։
― Պատահում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երբ որ նրանց չի հաջողվում ա՛յլ կերպ սարքել, կամ թե երբ որ նրանք սիրահարված են լինում։ Ճիշտ է, եղել է մի ասպետ, որ ամբողջ երկու տարի կանգնած է մնացել ժայռի վրա, շոգ ու սառնամանիք և ամեն տեսակ արհավիրք տանելով, մինչդեռ նրա սրտի տիրուհին այդ իմանալիս էլ չի եղել։ Նման դեպք Ամադիսին էլ է պատահել, որ Բելտենբրոս[81] անունն ընդունելով հեռացավ Պենյա Պոբրեի[82] վրա ութը տարի թե ութ ամսով, հիմա ճշգրիտ չեմ հիշում։ Բավական է ասեմ քեզ, որ նա այնտեղ բավական երկար ժամանակ անց կացրեց տիրուհի Օրիանայի աչքից ինչ֊որ բանի համար ընկնելուց հետո։ Բայց բավական է դրանից խոսենք, Սանչո։ Շտապիր, քանի էշին էլ որևէ դժբախտություն չի պատահել Ռոսինանտի պատահածի պես։
― Գուցե այս անգամ սատանան չխառնի, ― ասաց Սանչոն։
Եվ երեսուն անգամ ախ ու վախ քաշելուց, վաթսուն հոգվոցից և հարյուրքսան անեծքից հետո նրա հասցեին, ով որ նրան այդ գործի մեջ գցեց, նա վեր կացավ, բայց ճամփի կիսին կորացավ, ասես տաճկական աղեղ լիներ, ուժ չունենալով շտկվելու։ Մեծամեծ ճիգերով նա սանձեց ու փալանեց էշին, որը այդ օրը տեղի ունեցած անկարգության հետևանքով, ասես շփոթված, թափառում էր մի քիչ հեռու։ Ապա Սանչոն բարձրացրեց Ռոսինանտին, որը, եթե գանգատվելու համար լեզու ունենար, այդ գործում Սանչոյից և նրա տիրոջից հետ չէր մնա։ Ի վերջո Սանչոն դոն Կիխոտին պառկեցրեց էշի վրա, ետևից կապեց Ռոսինանտին և բռնելով էշի սանձը, մի կերպ քարշ եկավ այն կողմը, որտեղ, թվում էր նրան, թե պիտի անցներ մեծ ճամփան։ Հազիվ մեկ մղոն անցած լիներ նա, ինչ բախտը, որ նրան մեկ բարիքից դեպի մյուսն էր տանում, հանեց նրան այն ճամփան, որի վրա շուտով նրանք մի իջևան տեսան, որ դոն Կիխոտին (և բնավ ոչ Սանչոյին) դղյակ թվաց։ Սանչոն հավատացնում էր, թե դա իջևան է, իսկ նրա տերը՝ թե դա դղյակ է։ Եվ այնքան երկար տևեց նրանց վեճը, որ նրանք առանց ավարտելու տեղ հասան, և Սանչոն առանց հարցնելու, թե ուր է ընկել, անցավ բակը իր ամբողջ գումակով։
Գլուխ XVI
Թե ինչ պատահեց հնարամիտ իդալգոյին իջևանում, որ նա դղյակի տեղ ընդունեց
Իջևանի տերը, տեսնելով էշի վրա խուրջինի պես ընկած դոն Կիխոտին, հարցրեց Սանչոյից, թե ինչ դժբախտություն է պատահել այդ մարդուն։ Սանչոն պատասխանեց, որ առանձին դժվախտություն չի պատահել նրան, այլ պարզապես վայր է ընկել ժայռից և կողքը մի քիչ ցավացրել։ Տերը կին ուներ, որ նման չէր իր արհեստը բանեցնող կանանց, որովհետև բնականից շատ սրտացավ էր և մերձավորի ցավին ցավակցող։ Ուստի նա շտապեց օգնության հասնելու դոն Կիխոտին և հրամայեց իր աղջկան՝ ջահել ու սիրունիկ մի աղջկա, որ խնամի կենվորին։ Նույն իջևանում մի աստուրիացի աղջիկ էլ էր ծառայում՝ լայնադեմ, քիթը վեր ծռած, տափակ ծոծրակով, մեկ աչքով կույր, ասենք՝ մյուսն էլ մի բան չէր։ Ճիշտ է, լավ կազմվածքը վարձատրում էր այս թերությունները, գլխից մինչև կրունկները, նրա հասակը յոթ չարեքից պակաս էր, իսկ ուսերը ծառանում էին սապատի պես՝ հարկադրելով նրան նայել գետնին ավելի, քան նա կկամենար։ Այս գեղատեսիլ աղջիկը տանտիրոջ աղջկան սկսեց օգնել և նրանք երկուսով դոն Կիխոտի համար հիանալի անկողին փռեցին վերնահարկում, որ, բոլոր նշաններիվ երևում էր, երկար ժամանակ դարմանի պահեստ էր եղել։ Նույն տեղը գիշերում էր մի ջորեպան ևս, որի անկողինը դոն Կիխոտի տեղից մի քիչ հեռու էր։ Եվ թեև նրա տեղը ջորիների փալաններից և քեչաներից էր շինած, դարձյալ դոն Կիխոտի անկողնուց շատ լավն էր։ Դոն Կիխոտի մահճակալը չորս հատ վատ ռանդած տախտակ էր, որոնք դրված էին երկու ոչ հավասար ոտների վրա և մի դոշակ՝ գործած վերմակի հաստությամբ, որ լիքն էր գունդերով, որոնց, ըստ նրանց պնդության, կարելի էր քարերի տեղ դնել, եթե ծակոտիներից բուրդը դուրս գալու չլիներ։ Ի լրացումն՝ երկու սավան, երևի թե գոմշի կաշուց և մի վերմակ, որի բոլոր թելերը կարելի էր համարել, առանց սխալից վախենալու։
Սատանի այդ անկողնում պառկեց դոն Կիխոտը, և իսկույն տանտիրուհին ու նրա աղջիկն սկսեցին նրան վերից վար սպեղանի կպցնել, մինչղեռ Մարիտորնեսը (այդպես էր աստուրիացի աղջկա անունը) բռնել էր ճրագը։ Այդ գործողության միջոցին, դոն Կիխոտի մարմնի վրա բազմաթիվ կապտած տեղեր տեսնելով, տանտիրուհին հայտարարեց, որ դրանք ավելի հարվածի, քան թե վայր ընկածի հետքի են նման։
― Իսկի էլ հարվածի տեղեր չեն, ― պատասխանեց Սանչոն, այլ պարզապես ժայռը սփռված է եղել սուր֊սուր քարերով և դուրս ցցված տեղերով, որոնցից յուրաքանչյուրը մի֊մի կապտած տեղ է թողել։
Սրան նա ավելացրեց․
― Բարի եղեք, տանտիկին ջան, այդ խծուծից մի քիչ պահեք։ Մեկն ու մեկին հարկավոր կգա, որովհետև իմ գոտկատեղն էլ է կոտրատվում։
― Դուրս է գալիս, ուրեմն, որ դո՞ւք էլ եք վայր ընկել, ― հարցրեց տանտիրուհին։
― Վայր ընկնելը ես վայր չեմ ընկել, ― պատասխանեց Սանչո Պանսան, ― միայն թե հենց տեսնելուց, թե ինչպես է վայր ընկնում իմ տերը, ինձ այնպես թափահարեց, որ ողջ մարմինս ցավեց, կարծես թե հազար փայտի հարված կերա։
― Կպատահի, ― ասաց աղջիկը։ ― Ինձ էլ է հաճախ պատահում երազ տեսնել, իբրև թե վայր եմ ընկնում աշտարակից և չեմ կարողանում վայր ընկնել֊պրծնել և երբ որ հետո արթնանում եմ, այնպես եմ ջարդված լինում, և մարմինս այնպես է կոտրատվում, ասես թե իսկ որ վայր եմ ընկել։
― Բանն էլ այն է, տիրուհի, ― ասաց Սանչոն, ― որ առանց երազի, այլ ուղղակի արթմնի, ոնց որ հիմա, մարմինս կապտեց ոչ պակաս, քան դոն Կիխոտինը՝ իմ տիրոջինը։
― Այս կաբալյերի անունն ի՞նչ է, ― հարցրեց աստուրեցի Մարիտորնեսը։
― Դոն Կիխոտ Լամանչեցի, ― պատասխանեց Սանչո Պանսան։ ― Նա թափառական ասպետ է, աշխարհիս երեսին տեսնվածներից ամենափառավոր և հզոր ասպետներից մեկը։
― Իսկ ի՞նչ բան է թափառական ասպետը, ― դարձյալ հարցրեց սպասուհին։
― Ի՜նչ միամտություն, ― բացականչեց Սանչո Պանսան, ― մի՞թե երբեք չեք լսել։ Դե, իմացած եղեք, քույրիկ, թափառական ասպետն այնպիսի բան է, որ աչք ճպելու ժամանակ չես ունենա, ինչ նա կարող է և՛ ծեծ ուտել, և՛ կայսր դառնալ։ Այսօր նա ամենադժբախտ և թշվառ էակն է աշխարհիս երեսին, իսկ վաղը նա իր զինակրի համար երեք֊չորս թագավորություն կունենա՝ դե, ընտրի՛ր։
― Այդ ինչպե՞ս է, ― հարցրեց տանտիկինը, ― որ ձեր տերը այդպիսի կարևոր անձնավորություն է, իսկ դուք, ինչպես ես տեսնում եմ, իսկի մի կոմսություն էլ չեք ձեռք գցել։
― Այդ այդքան էլ արագ չի կատարվում, ― պատասխանեց Սանչոն։ ― Մենք հազիվ մի ամիս է, ինչ արկածախնդրության ենք ելել և մինչև հիմա մի կարգին արկածի չենք հանդիպել։ Երբեմն լինում է, որ մեկ բանի հետևից ես գնում, իսկ բոլորովին ուրիշն ես գտնում։ Բայց ճիշտ եմ ասում, եթե միայն իմ տիրոջ, դոն Կիխոտի վերքերն առողջանան, որ վայր ընկնելուց եղավ, ես էլ կենդանի մնամ, ես իմ հույսերը չեմ փոխի Իսպանիայի առաջնագույն իշխանությանը։
Բոլոր այս խոսակցության ուշի֊ուշով ականջ էր դնում դոն Կիխոտը։ Դժվարությամբ բարձրանալով իր անկողնում, նա բռնեց տանտիրուհու ձեռքն ու ասաց․
― Հավատացեք, չքնաղ տիրուհի, դուք կարող եք երջանկություն համարել, որ ձեր դղյակում ինձ պես մի անձնավորության ապաստան եք տվել, որովհետև եթե ես ինքս ինձ չեմ գովում, ապա միայն այն պատճառով, որ, ինչպես ասում են, գովասանքն ինքն իրեն ստորացնում է։ Սակայն իմ զինակիրը կպատմի ձեզ, թե ես ով եմ։ Ես միայն այն կասեմ, որ առհավետ կտպավորվի իմ հիշողության մեջ ինձ մատուցած ձեր ծառայությունը և որ ողջ կյանքումս ես ձեզնից շնորհակալ կմնամ։ Եվ եթե սերը ինձ արդեն կաշկանդած չլիներ և խստասիրտ գեղեցկուհու, որի անունը ես հիմա շշնջում եմ, աչերի զորությամբ ինձ իր օրենքին ենթարկած չլիներ, ապա այս չքնաղ աղջկա աչքերը իմ ազատության տերերը կդառնային։
Տանտիկինը, նրա աղջիկն ու բարի Մարիտորնեսը շփոթված լսում էին թափառական ասպետի խոսքերը, որոնք նրանց համար նույնքան անըմբռնելի էին, որքան եթե նա հունարեն խոսելիս լիներ, թեև ըստ ամենայնի երևում էր, որ խոսքը ինչ֊որ շնորհակալության և սիրալիրության մասին է։ Արտահայտվելու նման ձևին անսովոր լինելով, նրանք թողին նրան և աստուրիացի Մարիտորնեսն զբաղվեց Սանչոյով, որ կարոտ էր օգնության ոչ պակաս, քան իր տերը։
Դեռ սրանից առաջ ջորեպանն ու Մարիտորնեսը համաձայնել էին միասին գիշերելու, և աղջիկը տղին խոսք էր տվել, որ հենց որ իջևանողները պառկեն և տերերը քնեն, կգա նրա մոտ, որ բավարարի նրա ցանկությունը։ Այդ լավ աղջկա մասին ասում էին, թե ամեն անգամ, երբ նա նման խոստում էր անում, կատարում էլ էր, եթե անգամ խուլ տեղում և առանց վկաների էր արված լինում, որովհետև նա շատ էր պարծենում, որ ազնվական է[83] և պախարակելի չէր համարում իրեն համար ծառայությունը իջևանում, ասելով, որ միմիայն չար բախտը և վատ հանգամանքներն են նրան այդ վիճակին հասցնել։
Դոն Կիխոտի չոր, նեղ, աղքատիկ և երերուն անկողինը մուտքի մոտ հենց առաջինն էր այս աստղազարդ գոմում, իսկ մյուս կողմում Սանչոն իր անկողինն էր սարքել, որ բաղկացած էր մի խսիրից և մեկ վերմակից, որ, ավելի շուտ կտավից էր, քան բրդից։ Քիչ հեռու ջորեպանի անկողինն էր, որ, ինչպես մենք ասացինք, թամքերից և նրա լավագույն երկու ջորիների այլ պարագաներից էր սարքված։ Ջորեպանը քսան ջորի ուներ՝ հարթ, խոշոր, գեր, որովհետև նա ամենահարուստ արևալցի[84] ջորեպաններից մեկն էր, ինչպես հաղորդում է այս պատմության հեղինակը, որ մանրամասն խոսում է այս ջորեպանի մասին, որովհետև նա լավ ճանաչելիս է եղել նրան, իսկ ինչպես ոմանք հավատացնում են, նույնիսկ նրա ազգականն է եղել։ [85]Պետք է ձեզ ասեմ, որ Սիդ Համետ Բենենխելին պրպտող և մանրապատում պատմիչ է եղել, ինչպես այդ երևում է նրանից, որ մեր բերած անցքերից և ոչ մեկը, այնքան մանր ու չնչին, նա լռությամբ չի անցել։ Թող նրանից օրինակ վերցնեն լուրջ պատմաբանները, որ անցքերի մասին մեզ այնքան կարճառոտ են զրուցում և հարևանցի, որ, կարելի է ասել, մենակ մեր շրթունքներին են քսում, թողնելով բանի էությունը ― անփթությունից, նենգությունից կամ տգիտությունից ― թանաքամանի հատակին։ Փառք Տաբլանտե դե Ռիկոմանտեի հեղինակին, ինչպես և այն գրքի հեղինակին, որտեղ կոմս Տոմիլյասի սխրագործություններն են նկարագրվում․ ի՜նչ մանրամասն են զրուցում նրանք։
Արդ, վերադառնալով մեր պատմությանը, կասեմ ձեզ, որ ջորեպանը, իր ջորիներին տեսնելուց և երկրորդ անգամ նրանց կեր տալուց հետո, մեկնվեց փալանների վրա և սկսեց սպասել իր ճշտապահ Մարիտորներսին։ Սանչոն, ամբողջովին սպեղանիներով ծածկված, նույնպես պառկեց, աշխատելով քնել, թեև դրան խիստ խանգարում էր կողերի ցավը։ Դոն Կիխոտն էլ, նույն ցավից տառապելով, պառկել էր նապաստաի պես բաց աչքերով։ Ողջ տունը սուզվել էր լռության մեջ և բոլոր ճրագները մարած էին, բացի մուտքի լապտերից։
Այդ խորունկ լռությունն ու մեր ասպետի անդադրում մտորումները արկածների մասին, որոնցով լի էին նրա ցավին մեղապարտ գիշերը, ներշնչեցին նրան մի ամենատարօրինակ ու անմիտ հեյրուրանք, որ հնարավոր է միայն երևակայել, այն է՝ նրան թվաց, թե ինչ֊որ հռչակավոր մի դղյակ է եկել (որովհետև յուրաքանչյուր ճաշարան, ուր նա ընկնում էր, նրան դղյակ էր թվում) և որ իջևանատիրոջ աղջիկը, այլ կերպ ասած՝ դղյակի տիրոջ աղջիկը, հաղթահարված իր ազնիվ տեսքով, սիրահարվել է իր վրա և խոստացել է այս գիշեր, ծնողներից գաղտնի գալ և բաժանել իր անկողինը։ Այս զառանցանքը, որ ինքն էր հնարել, զուտ ճշմարտություն ընդունելով, նա սկսեց անհանգիստ խորհել վտանգավոր կացության մասին, որի մեջ կընկնի իր առաքինությունը և իր սրտում վճռեց չդավաճանել իր տիկնոջը՝ Դուլսինեա Տոբոսցուն, եթե անգամ Ջինեվրա թագուհին Կինտանյոնա տիկնոջ հետ գալու լինեն առաջարկելու իրենց իրեն։
Այն պահին, երբ նա խորհում էր այս անմիտ բաները, հասավ ժամը և խփեց ժամը (չարաբաստիկ ժամը դոն Կիխոտի համար) աստուրիացու գալստյան, որ բոպիկ, մենակ շապիկը հագին, չթե փաթաթանով մազերը կապած, հուշիկ, անշշուկ քայլերով ներս մտավ դիմելով ջորեպանի մոտ, սենյակը, որտեղ երեքով էլ պառկած էին։ Սակայն հազիվ էր նա շեմքն անցել, որ դոն Կիխոտը, լսելով նրա ձայնը, նստեց անկողնի վրա, չնայած իր սպեղանիներին և կողերի ցավին և բաց արեց իր գիրկը, իր երիտասարդ սիրուհուն գրկելու համար։ Աստուրիացի աղջիկը, որ կամաց ու անխոս քայլում էր ձեռները առաջ մեկնած իր սիրածի որոնումների մեջ, դիպավ դոն Կիխոտի ձեռներին, որ ամուր բռնեց նրա ձեռքերը և նստեցրեց ահից ոչ մի խոսք ասել չհանդգնող աղջկան իր անկողնու վրա։ Նա շոշափեց աղջկա շապիկը, և թեև այն պարկի կտորից էր կարած, այդ կտորը նրան թվաց նրբագույն և քնքշագույն մետաքս։ Աղջկա ձեռքին ապակե տերողորմյա կար ― նրան թվաց, որ դա թանկագին արևելյան մարգարիտ է։ Աղջկա մազերը, որ ձիու բաշի մազերի էր նման, նրան ներկայացան զուտ արաբական ոսկու թելեր, որ իրենց փայլով կարող են արևը նսեմացնել։ Գալով աղջկա շնչին, որից թթված մսե սալաթի հոտ էր փչում, ապա նրան թվաց, որ այդ շուրթերից անուշ բուրմունք է ծորում։ Մի խոսքով նա իր երևակայության մեջ նկարագրեց նրան այնպես, ինչպես իր կարդացած գրքերում նկարագրվում է մի իշխանուհի, հաղթված ծանր վիրավորված ասպետի սիրուց և տեսակցության եկած վերև նկարագրված հագուստով։ Եվ խեղճ հիդալգոյի կուրությունն այնտեղ էր հասել, որ ո՛չ իր սեփական շոշափելիքը, ո՛չ սիրուն աղջկա շնչառությունն ու այլ հատկությունները, որոնցից, բացի ջորեպանի ամեն մի ուրիշ մարդու սիրտը կխառներ, չկարողացան ցրել նրա մոլորությունը։ Ընդհակառակը, նրան թվում էր, որ նա իր գրկում գեղեցկության դիցուհուն բռնած ունի։ Ամուր սեղմելով նրան, նա մեղմ ու քնքուշ ձայնով ասում էր․
― Ինչպե՜ս կուզենայի ես, չքնաղ և ազնվազարմ տիկին, որ ի վիճակի լինեի ըստ արժանվույն հատուցելու ձեզ այն բարձր ողորմածության համար, որ պարգևում եք ինձ սոսկ ձեր մեծ գեղեցկության տեսքով։ Սակայն ազնիվ մարդկանց անընդհատ հալածող բախտը հաճել է ինձ նետել այս անկողինը, որի վրա ես պառկել եմ այնքան ջարդված ու տրորված, որ եթե ես անգամ կամենայի ձեր ցանկությունը բավարարած լինել, այդ անհնար կլիներ։ Սակայն այդ անկարելությանը մի ուրիշն էլ է միանում, որ առավել մեծ է ― հավատարմությունը, որ ես պարտավոր եմ աննման Դուլսինեա Տոբոսցուն, իմ ամենածպտյալ խոհերի միակ իշխանուհուն։ Եթե բոլոր այդ արգելքները չլինեին, ես, իհարկե, այնքան միամիտ ասպետ չէի լինի, որպեսզի բաց թողնեի երջանիկ դեպքը, որ առաջարկում է ինձ ձեր մեծ բարությունը։
Մարիտորնեսը մահացու վախեցավ, քրտինքը պատեց նրան, երբ որ դոն Կիխոտը այնքան ամուր բռնեց նրան։ Չհասկանալով, ասենք, չլսելով էլ, թե ինչ է նա ասում, նա աշխատում էր դուրս պրծնել։ Մեր ջորեպանը, որին մեղսալից մտքերը խանգարում էին քնել, իսկույն ևեթ, հենց որ սիրելին շեմքը կոխեց, զգաց նրա ներկայությունը և սկսեց ուշադրությամբ ականջ դնել, թե դոն Կիխոտը նրան ինչ է ասում։ Տառապելով խանդոտ մտքից, թե աստուրիացի աղջիկը, իրեն խաբել է ուրիշի համար, նա մոտեցավ դոն Կիխոտի անկողնուն և թաք կացավ, սպասելով, թե այդ իրեն համար անըմբռնելի խոսքերի վերջն ինչ է լինելու։ Սակայն երբ որ նա տեսավ, որ աղջիկը ուզում է դուրս պրծնի, իսկ դոն Կիխոտը նրան զոռով պահում է, այդ բանը նրան դուր չեկավ և նա տարավ֊բերեց և բռունցքով այնպես խփեց քնքշացած ասպետի նեղ ծնոտին, որ նրա բերանը արնով լցվեց։ Գտնելով, որ դա դեռ քիչ է, ջորեպանը ոտքերը դրեց նրա կրծքին և նրա կողերը արագ֊արագ ոտնահարեց։ Մահճակալը, առանց այն էլ, շնորհիվ հենարանների խախուտության, հաստատ չէր և նրա ծանրութուն չտանելով, փլվեց գետին սաստիկ աղմուկով, որից արթնացավ իջևանի տերը, որ իսկույն որոշեց, որ սա Մարիտորնեսի արարքը կլինի, որովհետև իր բարձր կանչին պատասխան չստացավ։ Այդ համոզումով նա վեր կացավ, ճրագը վառեց և դիմեց աղմուկը եկած տեղը։ Տեսնելով իր սաստիկ զայրացած տիրոջը, աղջիկը վախից իրեն կորցրեց և ապա ծլկեց Սանչո Պանսայի անկողինը, որը խաղաղ քնած էր։ Մտնելով անկողնու մեջ, աղջիկը կծկվեց։ Տերը ներս մտավ և գոռաց․
― Այդ որտե՞ղ ես, բո՛զ։ Այդ անշուշտ քո արարքն է։
Այստեղ արթնացավ Սանչոն։ Զգալով վրան ընկած կենդանի բեռը, նա վճռեց, որ սատանան է իրեն խեղդում և սկսեց բռունցքով հարվածել ամեն կողմ։ Հարվածների զգալի մասը Մարիտորնեսին հասավ։ Աղջիկը, ցավից ամեն ամոթ մառանալով, Սանչոյին այնպես պատասխանեց, որ Սանչոյի քունը ուզեր֊չուզեր՝ փախավ։ Զգալով, որ իրեն դմփզում են և չտեսնելով հակառակորդին՝ Սանչոն վռազ֊վռազ վեր թռավ, բռնեց Մարիտորնեսին, և նրանց միջև շատ տաք և ուրախ կռիվ սկսվեց։ Տիրոջ ճրագի լույսի տակ տեսնելով, թե իր սիրուհին ինչ օրի է, ջորեպանը, թողնելով դոն Կիխոտին, շտապեց նրան օգնության։ Դեպի նա դիմեց նաև տերը, բայց այլ մտադրությամբ, որովհետև նա ուզում էր, մի լավ խրատ տված լիներ, հաստատ համարելով նրան այս ամբողջ պատմության միակ մեղապարտը։ Եվ, ինչպես առածն ասում է՝ «կատուն մկան վրա, մուկը՝ թոկի, թոկը՝ փայտի», ― այդպես էլ ջորեպանը վրա տվեց Սանչոյին, Սանչոն՝ սպասուհուն, սպասուհին՝ նրան, տերը՝ սպասուհուն, ― և չորսով էլ սկսեցին տուր ու դմփոցն առանց դադարի։ Իսկ որովհետև, ի լրումն բավականության, տիրոջ ճրագը հանգավ, ապա հարվածները տեղացին ում որ հասնի և այնքան անողոք, որ ում դիպչում էին, սաղ տեղ չէին թողնում։
Այնպես պատահեց, որ նույն իջևանում Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադի[86] հրացանաձիգ մի զինվոր էր գիշերում։ Լսելով, ինչպես և բոլոր մնացյալները, մարտի անսովոր աղմուկ, նա բռնեց իր կարճ գավազանը և իր պաշտոնական թիթեղյա տուփը, մթան մեջ ելավ չարդախն ու ճչաց․
― Կանգ առեք, հանուն արդարադատության։ Կանգ առեք հանուն Սանտա Հերմանդադի։ Առաջին մարդը, որին նա դեմ առավ, դոն Կիխոտն էր, որ անզգա պառկած էր, քիթը վերև, իր փլած անկողնու վրա։ Բռնելով նրա միրքից, հրացանաձիգը մի քանի անգամ գոռաց՝ «Հասեք օգնության արդարադատությանը», ապա թե, տեսնելով, որ իր բռնած մարդը չի շարժվում, նա երևակայեց, որ սպանված է, իսկ սենյակում եղած մնացյալները նրան սպանողներն են, ուստի և բարձր աղաղակեց․
― Փակեցեք դարպասը։ Ոչ ոքի բաց չթողնեք, որովհետև այստեղ մարդ են սպանել։
Այս աղաղակից բոլորն էլ վախեցան, և ամեն մեկը, լսելուն պես, դադարեցրեց կռիվը։ Իջևանի տերը շտապով վերադարձավ իր սենյակը, ջորեպանը՝ իր փալանների մոտ, սպասուհին՝ իր խցիկը։ Եվ միայն խեղճ դոն Կիխոտն ու խեղճ Սանչոն չկարողացան տեղից շարժվել։ Հրացանաձիգը, բաց թողնելով դոն Կիխոտի միրուքը, գնաց ճրագ գտնի, որպեսզի բռնի և կալանավորի ոճրագործներին։ Բայց նա չկարողացավ ճրագ գտնել, որովհետև իջևանի տերը դիտմամբ էր հանգցրել մուտքի մոտ և հրացանաձիքգը հարկադրված եղավ գնալու օջախի մոտ, որտեղ մեծ դժվարությամբ նրան հաջողվեց վերջապես կպցնել իր ճրագը։
Գլուխ XVII
Որ նկարագրում է քաջ դոն Կիխոտի և նրա հավատարիմ զինակրի կրած հետագա անհամար աղետները իջևանում, որ ասպետը, դժբախտաբար, դղյակի տեղ ընդունեց
Մինչ այս մինչ այն, դոն Կիխոտը ուշքի եկավ և նույն ձայնով, որ դագանակների դաշտում դիմել էր իր զինակրին, սկսեց նրան կանչել։
― Սանչո, բարեկամս, դու քնա՞ծ ես։ Քնա՞ծ ես դու, Սանչո բարեկամ։
― Էլ ի՞նչ քուն, ― ձայն տվեց Սանչոն վշտալից ու չար շեշտով, ― բոլոր սատանաները այս գիշեր գլխիս քյալագ եկան։
― Միանգամայն պատրաստ եմ հավատալու, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև կամ ես բան չեմ հասկանում, կամ այս դղյակը կախարդված է։ Իմացած եղի՛ր․․․ ասենք, առաջ դու պետք է երդվես, որ այն ամենը, ինչ ես քեզ կպատմեմ, դու գաղտնի կպահես թե՛ իմ կենդանի օրորք, թե՛ իմ մահից հետո։
― Երդվում եմ, ― ասաց Սանչոն։
― Նրա համար եմ այդ ասում, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ես զզվում եմ մեկն ու մեկի պատիվը աղտոտելուց։
― Աում եմ ձեզ, ― պատասխանեց Սանչոն, ― որ երդվում եմ դրա մասին լռել մինչև այն օրը, երբ ձերդ ողորմածությունը հոգին կտա Աստծուն և, տա Աստված, որ վաղը ևեթ հաջողի ինձ դուրս տալ։
― Մի՞թե ես այնքան վատ եմ վարվում քեզ հետ, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը, ― որ դու իմ շուտափույթ մահն ես կամենում։
― Այդ չի բանը, ― պատասխանեց Սանչոն, ― այլ պարզապես ես զզվում եմ, որ մի բան մեջս երկար մնում է, վախենում եմ երկար մնալուց թթվի։
― Դե լավ, ― ասաց դոն Կիխոտը, ― այսպես թե այնպես ես վստահ եմ, որ դու ազնիվ ես և ինձ սիրում ես։ Դե, իմացած եղիր, որ այս գիշեր ինձ պատահեց ամենազարմանալի արկածներից մեկը, որոնցով ես կարող եմ պարծենալ։ Կարճ՝ նոր եկել էր մոտս այս դղյակի տիրոջ աղջիկը, չքնաղագեղ և հրապուրիչ մի աղջիկ, որ կարելի է գտնել աշխարհիս երեսին։ Ինչպե՞ս նկարագրեմ նրա հագուստը կամ մտքի սրությունը կամ նրա ծպտյալ հրապույրները, որոնց մասին համեստորեն լռելն ինձ հրամայում է հավատարմությունը իմ տիրուհուն՝ Դուլսինեա Տոբոսցուն։ Մի բան միայն կասեմ քեզ՝ կամ երկինքը նախանձել է իմ այդքան մեծ երջանկությանը, կամ (մի բան, որ ավելի ճիշտ կլինի) այս դղյակը, ինչպես ես քեզ արդեն ասացի, կախարդված է, միայն թե այն միջոցին, երբ որ ես նրա հետ ամենաքնքուշ սիրային խոսակցություն ունեի, հանկարծակի անտեսանելի և անհայտ է, թե որտեղից երևան եկած մի ձեռք, կպցրած ինչ֊որ հրեշավոր հսկայի ուսից, տարավ֊բերեց և իմ ծնոտին այնպիսի հարված հասցրեց, որ բերանս մինչև հիմա արնակալած է։ Դրանից հետո էլ ինձ այնպես ջարդ ու բուրդ արեց, որ հիմա դրությունս ավելի վատ է, քան թե երեկ, երբ որ ձիապանները մեզ վիրավորեցին, ինչպես դու հիշելիս կլինես, Ռոսինանտի անզսպության հետևանքով։ Այդ հարկադրում է ինձ մտածել, որ այդ աղջկա անգին գեղեցկությունը պահպանում է որևէ հմայված մավր և որ նա ինձ համար չի ստեղծված։
― Դե, անշուշտ, ոչ էլ ինձ համար, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ավելի քան չորս հարյուր մավր այնպես ման եկան իմ մեջքիս, որ դրա հետ համեմատած երեկվա մահակները գաթա ու փախլավա էին։ Բայց ասացեք, սինյոր, ինչպե՞ս կարող եք դուք մեզ այսպիսի մի կացության մեջ գցող արկածը հազվագյուտ անվանել։ Էլի ձերդ ողորմածությունը, այսպես թե այնպես, իր ձեռքերով բռնած է եղել այդ աննման գեղեցկությունը, որի մասին դուք ասում էիք, իսկ ես ― ինձ ի՞նչ հասավ բացի ծեծից, մի բան, որ երևի արդեն հալածելու է ինձ ողջ կյանքս։ Դժբախտ մարդ եմ ես և ցավի համար է ինձ մայրս ծնել, որովհետև ես թափառական ասպետ չեմ, երբեք չեմ էլ մտածել ասպետ դառնալ, մինչդեռ կրակը մեծ մասամբ իմ գլխին է թափվում։
― Ինչպե՜ս, մի՞թե քեզ էլ են ծեծել, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Բա ես ձեզ այդ չասացի՞, անիծվե՜ն իմ ծնողները, ― պատասխանեց Սանչոն։
― Մի՛ վշտանար, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը։ ― Իսկույն ես կպատրաստեմ թանկագին բալասան, որ աչք ճպելու ժամանակ չես ունենա, ինչ մեզ բուժած կլինի։
Այդ իսկ վայրկյանին, հրացանաձիգը, որ վերջապես աջողել էր ճրագը վառել, ներս մտավ որ տեսնի կարծեցյալ մեռելին։ Տեսնելով, որ մենակ շապիկը հագին, գլուխը թաշկինակներով կապած, ճրագը ձեռքին և ոչ մի բարի բան չգուշակող դեմքով նա մոտենում է իրենց, Սանչոն հարցրեց իր տիրոջից․
― Սինյոր, չլինի՞ թե հմայված մավրը հենց սա է, որ իր գործը չի ավարտել և վերադարձել է, որ մեզ սպանի֊պրծնի։
― Սա չի կարող մավր լինել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև հմայվածներն անտեսանելի են լինում։
― Եթե տեսնել չի լինում, ապա զգալ անշուշտ հարկ է լինում, ― պատասխանեց Սանչոն։ ― Դրա մասին կարող են պատմել իմ կողերը։
― Իմն էլ, ― ասաց դոն Կիխոտը, ― այնուհանդերձ այդ պատճառով չի կարելի կարծել, որ մեր տեսած մարդը հմայված մավրն է։
Հրացանաձիգը մոտեցավ և, տեսնելով նրանց խաղաղ խոսակցելիս, սաստիկ զարմացավ։ Պետք է ձեզ ասեմ, որ դոն Կիխոտը շարունակում էր քիթը վերև պառկած մնալ, ուժ չունենալով տեղից շարժվելու, ծեծի և բազմաթիվ սպեղանիների պատճառով։ Հրացանաձիգը մոտեցավ նրան ու հարցրեց․
― Էհ, ո՞նց է բանդ, սիրելիս։
― Ձեր տեղը ես ավելի քաղաքավարի կլինեի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― թե՞ ձեր կողմերում թափառական ասպետների հետ այդպես է ընդունված խոսել, բռի գյուղացի։
Տեսնելով, թե այդ խղճուկ արտաքինով մարդն ինչպես է խոսում իր հետ՝ հրացանաձիգը չհամբերեց, տարավ֊բերեց ձեթով լի ճրագն ու խփեց դոն Կիխոտի գլխին այնպես, որ քիչ էր մնացել նրա գանգը փշուր֊փշուր աներ։ Սենյակն ընկղմվեց խավարի մեջ և հրացանաձիգն իսկույն դուրս եկավ։
― Անկասկած, սինյոր, ― ասաց Սանչո Պանսան, ― դա հենց հմայված մավրն է որ կա։ Նա, երևի, գանձը ուրիշների համար է պահում, իսկ մեզ՝ բռունցքի և ճրագի հարվածներ շնորհում։
― Երևի թե այդպես է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և չարժե փորձելն իսկ այդ տեսակ կախարդանքի դեմ կռվելու։ Անօգուտ է նմանապես զայրանալ կամ գանգատվել, որովհետև քանի որ այդ ուժերն աներևույթ են և ցնորական, մենք, ինչքան էլ ջանք թափելու լինենք, չենք կարող վրիժառու լինել։ Փորձի՛ր ապա, Սանչո, վեր կենալ՝ որոնիր այս դղյակի պարետին և աշխատիր մի քիչ յուղ, գինի, աղ և խնկունի գտնել, որպեսզի ես կարողանամ բուժիչ բալասան եփել։ Ճիշտն ասած, ես մեծ կարիք ունեմ, որովհետև այդ տեսիլի հասցրած վերքից սաստիկ արյուն է գալիս։
Ոսկորների սաստիկ ցավով Սանչոն վեր կացավ և մթան մեջ գնաց իջևանի տիրոջ մոտ։ Ճանապարհին դեմ առնելով հրացանաձիգին, որը հետևում էր, թե ինչ է մտադիր անելու իր թշնամին, ասաց․
― Ով էլ դուք լինեք, սինյոր, եղեք այնքան բարեգութ ու բարեգործ, մեզ մի քիչ խնկունի, յուղ, աղ ու գինի տվեք, որպեսզի դեղ պատրաստենք թափառական ասպետներից լավագույններից մեկի համար, որ պառկած է իր անկողնում, այս իջևանում բնակված, հմայված մավրի ձեռքով ծանր վիրավորված։
Լսելով այդ, հրացանաձիգը վճռեց, որ իր առջև խելագար է կանգնած։ Որովհետև լույսն սկսել էր բացվել, նա դուռը բաց արեց և իջևանի տիրոջը կանչելով հաղորդեց նրան խեղճի խնդիրքը։ Իջևանի տերը հանձնեց Սանչոյին ինչ որ պետք էր, և վերջինս տարավ դոն Կիխոտին, որ կանգնել էր ձեռներով բռնած գլուխը և գանգատվում էր ճրագով հասցրած հարվածից, թեև այդ հարվածից նրա ճակատին միայն երկու բավական խոշոր ուռուցք էր դուրս եկել, իսկ արյան տեղ նա պարզապես քրտինքն էր ընդունել, որ կրած հուզմունքից առատորեն դուրս էր թափվում։
Նա իսկույն վերցրեց այդ բաղադրիչ մասերը և պատրաստեց բուժիչ խառնուրդ, խառնելով նրանք իրար և պահելով կրակի վրա, մինչև որ նրան թվաց, թե բավական է։ Ապա նա խնդրեց որ իրեն մի սրվակ տան, որպեսզի խառնուրդն ածի նրա մեջ, բայց որովհետև ողջ տանը սրվակ չգտնվեց, նա գոհացավ ձեթի թիթեղյա ամանով, որն իջևանի տերն առաջարկեց նրան ձրիաբար։ Դրանից հետո թիթեղի ամանի վրա նա ոչ պակաս, քան ութսուն անգամ «Հայր մեր» ասաց և բազմաթիվ այլ աղոթքներ՝ իր յուրաքանչյուր խոսքի վրա խաչ հանելով, օրհնելու եղանակով։ Սանչո Պանսան, իջևանի տերն ու հրացանաձիգը ներկա էին այս գործողությանը։ Գալով ջորեպանին, նա ամենահանգիստ կերպով զբաղված էր իր ջորիներով։ Ապա դոն Կիխոտը կամեցավ իսկույն փորձել իր վրա, իր կարծիքով այնքան բուժիչ բալասանի զորությունը և միանգամից կուլ տվեց թիթեղի ամանի մեջ չտեղավորված և կավե ամանում, որի մեջ եփվել էր, մնացածի մեծ մասը, ― մոտավորապես կես ասումբրա։ Բայց հազիվ էր նա խմել ինչ նրա սիրտն այնպես խառնեց, որ նա ստամոքսում եղած֊չեղածը դուրս թափեց։ Սրտախառնության հարուցած ջղաձգություններից և լարվածությունից քրտինքը թափվում էր առատությամբ և նա խնդրեց, որ իրեն տաք֊տաք ծածկեն և մենակ թողնեն։ Կատարեցին։ Երեք երկար ու ձիգ ժամ քնելուց հետո նա արթնացավ թարմ մարմնով և հարվածների ցավն այնքան էր մեղմացել, որ նա իրեն միանգամայն առողջ համարեց և հավատաց, որ, իրոք, Ֆյերաբրասի իսկական բալասան է պատրաստել և շնորհիվ այդ դեղի նա այլևս երկյուղ չունի ընդհարումներից, կռվից ու մուշտակռվից, ինչքան նրանք վտանգավոր թվալու լինեն։
Սանչո Պանսան, որ իր տիրոջ առողջանալը հրաշք համարեց, խնդրեց, որ դոն Կիխոտը տա իրեն կավե ամանում մնացածը ― իսկ ամանի մեջ քիչ բան չէր մնացել։ Դոն Կիխոտը թույլ տվեց և Սանչոն, երկու ձեռքով բռնելով ամանը, մեծ հավատով ու եռանդով իր կոկորդն ածեց իր տիրոջից շատ քիչ պակաս։ Սակայն հայտնաբերվեց, որ Սանչոյի ստամոքսն այնքան էլ զգայուն չէր, որքան իր տիրոջինը, որովհետև մինչև սիրտ թափելը նա այնպիսի ծակոցներ զգաց և սիրտն այնպես էր խառնում, նա այնպես քրտնեց և այնքան թուլացավ, որ հաստատ ու անկեղծ վճռեց, թե իր վերջին ժամը հասել է։ Այս ծանր ու տանջալից կացության մեջ նա սկսեց անիծել և՛ բալասանը, և՛ չարագործին, որ իրեն հրամցրեց։ Տեսնելով նրան այդ վիճակում դոն Կիխոտն ասաց․
― Ես կարծում եմ, Սանչո, որ քեզ հասած ամբողջ ցավը նրանից է, որ դու իսկական ասպետ չես։ Որովհետև, կարծեմ, այս խմիչքը օգուտ չի բերում նրան, ով ասպետ չէ։
― Եթե ձերդ ողորմածությունն այդ գիտեր, ― բացականչեց Սանչոն, ― ապա ինչո՞ւ ― գետինը մտնեմ ես իմ օխտը պորտով ― թույլ տվեց, որ խմեմ։
Այդ վայրկյանին խմիչքն արեց իր ներգործությունը և դժբախտ զինակիրը սկսեց դատարկվել երկու ծակից այնպիսի արագությամբ, որ շուտով և՛ խսիրը, որի վրա նա վայր ընկավ և կտավե վերմակը, որ գցած էր նրա վրա, այլևս ոչ մի բանի պիտանի չէին։ Սառը քրտինք թափելով, Սանչոն այնպիսի սարսափելի ջղաձգությունների մեջ էր գալարվում, որ ոչ միայն ինքը, այլև բոլոր ներկա եղողներն այն կարծիքի էին, թե հասել է նրա վախճանը։ Այս փոթորիկն ու տանջանքները տևեցին մոտ երկու ժամ, որից հետո Սանչոն բնավ այնպիսի դրության չհասավ, ինչպես իր տերը, այլ ընդհակառակը՝ այնքան ջարդված էր և տանջված, որ ոտի վրա կանգնել չէր կարող։ Մինչդեռ դոն Կիխոտը, ինչպես մենք արդեն ասացինք, զգալով թարմ և առույգ, կամեցավ իսկույն ճամփա ելնել արկածներ որոնելու, որովհետև այստեղ անց կացրած յուրաքանչյուր ավելորդ ժամը նրան կորուստ էր թվում աշխարհի և նրա պաշտպանության ու հովանավորության կարոտ բոլոր զրկվածների համար ― և նրան առանձնապես մղում էր այդ անելու այն խորը հավատը, որ ներշնչել էին նրան իր բալասանի հատկությունները։ Տոչորվելով այդ ցանկությամբ՝ նա իր ձեռքով թամքեց Ռոսինանտին և փալանեց իր զինակրի էշը, ապա օգնեց վերջինիս, որ վեր կենա և նստի վրան։ Դրանից հետո նա հեծավ ձին և, անցնելով բակի ծայրը բռնեց այնտեղ դրած գյուղական նիզակը,[87] որ պիտի փոխարիներ մարտականը։
Իջևանի բոլոր կենվորները՝ մոտ քսան հոգի, եթե ոչ ավել, դուրս եկան նրան նայելու։ Նայում էր նաև իջևանի տիրոջ աղջիկը, որից նա էլ աչքը չէր հեռացնում և մերթ ընդ մերթ նա հոգոց էր քաշում, որ դուրս էր գալիս, ասես, նրա էության խորքից։ Ներկա եղողներին թվում էր, որ այդ հոգոցների պատճառը ցավն է, առնվազն այդպես էին կարծում նրանք, ովքեր նրան տեսել էին նախընթաց երեկոյան, երբ որ նրա մարմնին ամեն կողմից սպեղանի էին կպցնում։
Երբ որ նրանք երկուսով էլ անասունների վրա էին, դոն Կիխոտը մոտեցավ իջևանի պատշգամբին և, դիմելով տիրոջը, ծանր ու հանդիսավոր ձայնով ասաց․
― Ձեր դղյակում վայելածս բարիքները, կալվածատեր սինյոր, մեծ ու բազմաթիվ են, և ես ինձ պարտավոր եմ համարում մինչև վերջին օրերս շնորհակալ լինել ձեզ։ Օ՜, եթե կարենայի երախտամատույց լինել ձեզ, ձեզ վիրավորանք հասցրած որևէ հանդուգնի պատժելով։ Որովհետև, իմացած եղեք, իմ կոչումն է՝ օգնել տկարներին, կեղեքվածների վրեժը լուծել և պատժել ստորությունը։ Լավ մտաբերեցեք, չի՞ պատահել ձեզ նման մի դեպք և եթե գտնեք ինձ հանձնարարելու մի բան ― ասացեք շիտա՛կ։ Որովհետև ասպետական կոչման պատվով, որ ինքս դրել եմ ինձ վրա, խոստանում եմ, որ ձեր ամեն ցանկություն արդար կլինի և կբավարավի լիովին։
Դրան նույնպիսի արժանապատվությամբ իջևանի տերը պատասխանեց․
― Սինյոր կաբալյերո, ես կարիք չունեմ, որ ձերդ ողորմածությունը վրիժառու լինի ինձ հասցրած վիրավորանքների համար, որովհետև, տեղը եկած ժամանակ, ես էլ գիտեմ ինձ վիրավորողների հախիցը գալ։ Մի բան միայն կկամենայի ես ― որ ձերդ ողորմածությունը վճարեր ինձ իմ իջևանում գիշերելու համար, այսինքն՝ ընթրիքի և երկու անկողնու համար, ինչպես և ձեր երկու կենդանիների դարման ու կերի համար։
― Ուրեմն սա իջևա՞ն է, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Այո՛, և լավագույն համբավ վայելող, ― պատասխանեց տերը։
― Մինչև այս վայրկյան ես մոլորության մեջ եմ եղել, ― ասաց դոն Կիխոտը, ― որովհետև, ճիշտն ասած, երևակայում էի, թե դղյակ է և վատը չէ։ Բայց քանի որ դղյակ չէ, այլ իջևան, ինձ մնում է խնդրել ձեզնից, որ ազատեք վճարից։ Որովհետև ես չեմ կարող փոփոխել թափառական ասպետների կանոնադրությունը, որի համաձայն, ― ինչպես ինձ լավ հայտնի է, քանի որ գրքերում հակառակը չեմ հանդիպել, ― նրանք երբեք գիշերելու կամ որևէ այլ բանի համար հյուրանոցում, որտեղ իջևանում էին, չէին վճարում։ Նրանք իրավամբ և ըստ օրինաց ամենուրեք վայելում էին լավագույն ընդունելություն, որ նրանց ցույց էր տրվում ի վարձատրություն մեծամեծ նեղությունների, որ նրանք կրում են՝ զոր ու գիշեր անց կացնելով արկածների որոնումների մեջ, ամառ ու ձմեռ, ոտով թե ձիով, տանելով քաղց ու ծարավ, շոգ ու սառնամանիք, ենթարկվելով երկնային արհավիրքների բոլոր փոփոխություններին և երկրային աղետներին։
― Այդ գործերից խելքս քիչ է կտրում, ― հայտարարեց իջևանի տերը, ― վճարեցե՛ք ինձ, ինչ որ հարկն է, թե չէ ես գործ չունեմ զանազան ասպետների և ասպետությունների հետ։
― Դուք անտաշ ու մուրտառ միկիտանչի եք, ― բացականչեց դոն Կիխոտը։
Եվ խթանելով Ռոսինանտին, ճոճելով իր գեղջկական նիզակը, նա անարգել դուրս եկավ բակից և բավական ճանապարհ կտրեց, առանց հետ նայելու, որ տեսնի՝ գալի՞ս է արդյոք իր ետևից զինակիրը, թե՞ ոչ։ Տեսնելով, որ կենվորը գնաց առանց վճարելու, իջևանի տերը իր հաշիվը ներկայացրեց Սանչո Պանսային։ Սանչոն հայտարարեց, թե քանի որ իր տերը չկամեցավ վճարել, ապա ավելի քիչ է հակված վճարելու ինքը, որովհետև թափառական ասպետի զինակիրը լինելով, նա ենթարկվում է նույն կանոնադրության, ինչ որ իր տերը, որը թույլ չի տալիս իջևաններում և պանդոկներում որևէ բանի համար վճարելու։ Իջևանի տերը, հանաքը դենը, զայրացավ և սպառնաց, որ եթե Սանչոն իրեն չվճարի, ապա նա նրա հախիցը կգա իր գիտցած ձևով։ Բայց Սանչոն դրան պատասխանեց, թե հնազանդելով ասպետական կանոնադրության, նա ոչ մի գրոշ չի վճարի, անգամ իր կյանքի գնով, որովհետև նա չի ուզում, որ իր պատճառով պախարակված լինի թափառական ասպետների գեղեցիկ և հին սովորությունը և որպեսզի իրենից հետո աշխարհ եկած զինակիրները չկարողանան դժգոհել իրենից և կշտամբել այնքան արդար օրենքի խախտման համար։
Դժբախտ Սանչոյի չար բախտից քարվանսարայի կենվորների թվում չորս սեգովիացի գզրարներ կային, երեք ետ եկած տղա՝ Պոտրոյից, որ գտնվում է Կորդովայում և էլի երկու սրիկա Սևիլիայի Տոնավաճառի թաղից ― բոլորն էլ ուրախ, կտրիճ, մոգոնող ու հանաքչի տղաներ։ Նրանց բոլորի գլխում միևնույն միտքը ծագեց և, առանց իրար հետ խոսքը մեկ անելու, նրանք շրջապատեցին Սանչոյին և վայր քաշեցին իշից։ Նրանցից մեկը վազեվազ գնաց բերեց քարվանսարայի տիրոջ վերմակը, որի վրա և գցեցին Սանչոյին։ Սակայն աչքերը բարձրացնելով և նկատելով, որ առաստաղը ցածր է իրենց մտահղացման համար, նրանք վճռեցին հետևի բակն անցնել, որի առաստաղը երկնակամարն էր։ Այնտեղ, Սանչոյին վերմակի մեջտեղը դնելով, նրանք սկսեցին վեր֊վեր գցել, խաղալով՝ ինչպես կառնավալի միջոցին խաղում են շան հետ։
Վեր֊վեր գցվող տառապյալի աղաղակները այնքան սուր էին, որ հասան իր տիրոջ ականջին, որը սկզբում կարծեց, թե իրեն որևէ նոր արկած է հանդիպել, սակայն շուտով ճանաչեց իր զինակրի ձայնը։ Շուռ տալով իր ձիու գլուխը, նա ահավոր արագությամբ քշեց, ետ եկավ իջևանը և, դարպասը փակ գտնելով, սկսեց շուրջը պտույտ գործել, որոնելով մուտքը։ Սակայն հազիվ էր մոտեցել հետին բակի ցանկապատին, որ շատ էլ բարձր չէր, ինչ տեսավ ուրախ խաղը, որ սկսել էին զինակրի հետ։ Նրա աչքի առջև նա թռչում էր օդը և ապա վայր ընկնում այնպիսի զվարճալի արագությամբ, որ եթե դոն Կիխոտի ցասումը չբռնկեր, կարելի է հավատացած լինել, որ նա ծիծաղից կթուլանար։ Նա փորձեց ձիու վրայից անցնել ցանկապատի վրա, բայց այնքան թույլ ու ջարդված էր, որ չկարողացավ անգամ ձիուց իջնել։ Ուստի շարունակելով ձիու վրա նստած մնալ, նա սկսեց չարաճճիների վրա կարկուտի պես այնպիսի անեծք ու հիշոց տեղալ, որ գրիչս հրաժարվում է վերարտադրել։ Իսկ հանաքչիները, չնայած դրան, չէին դադարում ուրախ֊ուրախ աշխատելուց, ինչպես և օդում թռչկոտող Սանչոն չէր դադարում իր վայնասուններից, որոնց մեջ միանում էին աղերսն ու սպառնալիքը։ Այդ ամենը, սակայն, նրան քիչ էր օգնում։ Վերջապես տղաները հոգնելով իրենք թողին խաղը։ Այստեղ նրանք մոտ բերին էշին, նստացրին Սանչոյին փալանի վրա և վերնարկը գցեցին նրա ուսերին, իսկ սրտացավ Մարիտորնեսը, տեսնելով, թե նա ինչպես է տանջվել, վճռեց, որ պատեհ կլինի կազդուրել նրան մի գավաթ ջրով, որ և բերեց նրա համար ջրհորից, որպեսզի ավելի թարմ լինի։ Սանչոն վերցրեց գավաթը և արդեն տարել էր բերանը, որ հանկարծ կանգ առավ, լսելով իր տիրոջ բարձր ճիչը․
― Սանչո, զավակս, ջուր մի՛ խմիր։ Մի՛ խմիր, եթե չես ուզում մեռնել։ Տես, ահա հրաշագործ բալասան (այս խոսքերի վրա նա ցույց տվեց թիթեղյա ամանը), որի երկու կաթիլը քեզ կբուժի։
Բայց ի պատասխան Սանչոն խեթ֊խեթ նայեց նրան և ոչ պակաս բարձր բղավեց․
― Ձերդ ողորմածությունը մոռացել է, հա՞, որ ես ասպետ չեմ, և կամենում է, որ ես այս գիշերվանից մնացած վերջին փորոտիքս փսխե՞մ։ Ձեր խմելիքը ձեզ մնա ― հազա՜ր սատանա ― իսկ ինձ հանգիստ թողեք։
Վերջին խոսքերը նա արտասանեց քիթը գավաթի մեջ կոխած։ Սակայն առաջին իսկ կումից նկատելով, որ հասարակ ջուր է, նա չկամեցավ շարունակել և խնդրեց, որ Մարիտորնեսը գինի բերի և աղջիկը սիրով կատարեց, վճարելով գինու գինը իր սեփական գրպանից։ Ճիշտ են նրա մասին ասում, որ թեև նրա փեշակը բանի նման չի, բայց էլի իր սրտում քրիստենական զգացմունքների կտոր կար։ Խմելով գինին՝ Սանչոն տվեց էշի կողերին կրունկներով և դարպասը լայն բանալով, դուրս եկավ բակից, սաստիկ գոհ մնալով, որ բան չվճարեց և իրասածի եղավ, թեև ոչ առանց վնասի իր սովորական երաշխավորողների՝ կողերի համար։ Ճիշտ է, իջևանի տերը պահել էր նրա ճամբորդական պայուսակը հաշվի դիմաց, բայց Սանչոն դուրս գալուց այնքան հուզված էր, որ այդ բանը չէր նկատել։ Երբ որ նա հեռացավ, իջևանի տերը կամեցավ դարպասը պինդ կապել, բայց մեր տաքգլուխ տղերքը խանգարեցին։ Եվ, իրավ, դրանք այնպիսի ղոչաղ տղերք էին, որ եթե դոն Կիխոտը Կլոր Սեղանի իսկական ասպետներից էլ լիներ, դարձյալ նրա փոխարեն ոչ մի կոպեկ չէին տա։
Գլուխ XVIII
Որ պարունակում է Սանչո Պանսայի զրույցը իր տիրոջ հետ, այլև զանազան ուրիշ արկածներ, որ արժանի են հիշատակության
Սանչոն հասավ իր տիրոջը այնքան տրորված ու թուլացած, որ ուժը չէր պատում անգամ իր էշին քշելու։ Տեսնելով նրան այդպիսի վիճակում դոն Կիխոտն ասաց․
― Հիմա ես սկսում եմ հավատալ, իմ բարի Սանչո, որ այդ դղյակը, կամ իջևանը, իրոք, կախարդված է։ Իհարկե, որ այդպես է։ Որովհետև ովքե՞ր կարող էին լինել քեզ ծաղր ու ծանակ անող այն էակները, եթե ոչ տեսիլներ և այն աշխարհից դուրս եկած ոգիներ։ Դրա հաստատումը ես նրա մեջ եմ տեսնում, որ երբ ես ցանկապատի վրայով հետևում էի քո տխուր ողբերգության ընթացքին, ես ի վիճակի չէի ոչ միայն ցանկապատի մյուս կողմը անցնելու, այլև անգամ Ռոսինանտից վայր գալու։ Անտարակույս, ինձ հմայել էին։ Որովհետև, երդվում եմ իմ պատվով, եթե միայն ես կարողանայի բակն անցնել կամ իջնել ձիուց, ես քո վրեժն այնպես կլուծեի, որ նրանք ողջ կյանքը չէին մոռանա, թեպետև ստիպված լինեի դրա համար խախտելու ասպետական օրենքը, որ ասպետին արգելում է, ինչպես քեզ քանիցս արդեն բացատրել եմ, ձեռք բարձրացնել նրա դեմ, ով ասպետ չէ, բացի միայն ծայրահեղ և ծանր դեպքերից, երբ որ հարկադրված ես լինում պաշտպանելու քո կյանքն ու անձը։
― Ես ինքս էլ վրեժ կլուծեի, եթե հնար լիներ, ասպետ եմ, թե ասպետ չեմ՝ մեկ է, միայն թե ոչ մի կերպ չէր կարելի։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ գլխիս քյալագ բերողները ամենևին տեսիլներ չեն կամ կախարդված մարդիկ, ինչպես պնդում է ձերդ ողորմածությունը, այլ ամենահասարակ մարդիկ, միս ու ոսկորից, ինչպես որ մենք ենք։ Ամեն մեկը նրանցից իր անունն ուներ, ես այդ լսեցի, երբ որ ինձ դեպի վեր գցելով նրանք իրար կանչում էին․ մեկի անունը Պեդրո Մարտինես էր, մյուսինը՝ Տենորիս Էռնանդես, իսկ իջևանի տիրոջը կոչում էին Խուան Պալոմեկե Լեվշա։ Այնպես որ, սինյոր, եթե դուք չկարողացաք ցանկապատը անցնել և իջնել ձիուց, ապա դրա պատճառը բոլորովին այլ է և ոչ թե կախարդությունը։ Գալով ինձ, այդ ամենից մեկ բան է պարզ՝ բոլոր այս արկածախնդրությունները մեզ այնպիսի պատահարների կհասցնեն, որ վերջ ի վերջո մենք չենք կարողանալու տարբերել աջ ոտը ձախից։ Ամենալավ և հանգիստ բանը, որ մենք հիմա կարող էինք անել ― դե ներեցեք ինձ, հիմարիս, ― դա տուն դառնալն էր։ Հունձի ժամանակն էլ վրա է հասնում և տնտեսությամբ զբաղվելու միջոցը հենց այս է, փոխանակ թրև գալու աշխարհովս մեկ, կրակից բոցեր նետվելով։
― Քի՛չ բան ես հասկանում դու, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ասպետական գործերում։ Լռի՛ր և զինվի՛ր համբերությամբ, որովհետև կհասնի օրը և դու սեփական աչքերով կհամոզվես, թե ի՜նչ ազնիվ գործ է այսպիսի սխրագործություններով զբաղվելը։ Դե, ասա տեսնեմ, աշխարհիս երեսին ավելի մեծ ուրախություն և բավարարվածություն կա՞, քան հաղթանակ տանելն ու թշնամուն ջախջախելը։ Խոստովանի՛ր, որ դրանից լավ բան չի լինի։
― Երևի թե այդպես է, ― պատասխանեց Սանչոն, ― թեև անձամբ ես այդ բաներից գլուխ չեմ հանում։ Մի բան միայն գիտեմ, այն օրից, ինչ մենք թափառական ասպետներ ենք դառել, ավելի ճիշտն ասած՝ միայն ձերդ ողորմածությունը, որովհետև ես չեմ կարող ինձ էլ դասել այդ բարձր կոչման կարգին, ― մենք և ոչ մի հաղթանակ չենք տարել, չհաշված բիսկայեցու վրա տարած հաղթությունը, այն էլ ասենք, որ այդ կռվում ձերդ ողորմածությունը կորցրեց իր ականջի և սաղավարտի կեսը, իսկ դրանից հետո բացի ծեծ ու ապտակից ուրիշ բան չենք տեսել։ Իսկ ինձ վերմակի վրա վեր թռցնել էլ բաժին հասավ, համ էլ վեր թռցնողները հմայված մարդիկ են եղել, որոնցից ես չեմ կարող վրեժ լուծել, որպեսզի կարողանայի փորձել, արդյոք վրեժից ստացած բավականությունն այնքան մե՞ծ է, ինչպես պնդում է ձերդ ողորմածությունը։
― Հենց այդ է, Սանչո, ինձ առաքած պատիժը, որ դու էլ պետք է համբերես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Սակայն ապագայի համար ես կաշխատեմ ձեռք բերել որևէ սուր, որ այնպիսի հատկություններ ունենա, որ նրա տերը ենթակա չլինի ոչ մի կախարդանքի։ Եվ հնարավոր է, որ երջանիկ հնարավորությունը իմ ձեռը տա Ամադիսի սուրբ ― ա՛յն շրջանի Ամադիսի, երբ որ նա ինքն իրեն բոցավառ Արի Ասպետ էր կոչում, ― իսկ դա ― աշխարհիս լավագույն օրերից մեկն է, որ երբևիցե ունեցել են ասպետները, որովհետև բացի հիշատակված հատկություններից, նա կտրում է ածելու նման, և գոյություն չեն ունեցել այնպիսի ամուր կամ հմայված զրահներ, որ դիմանային նրա դեմ։
― Իմ քոռ բախտից, ― ասաց Սանչոն, ― եթե ձերդ ողորմածությունը աջողեր էլ այդպիսի սուր ձեռք բերել, ապա դուրս կգա, որ նա միայն ասպետների համար է պիտանի, ինչպես բալասանի նկատմամբ դուրս եկավ, իսկ զինակիցները թող հատուցեն իրենց կողերով։
― Դեն գցիր երկյուղդ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― շուտով երկինքը ավելի բարեհաճ կլինի քո նկատմա՛մբ էլ։
Այն ժամանակ, երբ որ նրանք գնում էին՝ զբաղված այս զրույցով, դոն Կիխոտը հանկարծ այն ճանապարհին, որով առաջ էին ընթանում, նկատեց իրենց դեմ սլացող ահագին ու թանձր փոշու ամպ։ Տեսնելով այդ՝ նա ետ դառավ Սանչոյին և ասաց․
― Հասավ այն օրը, օ՜ Սանչո, երբ դու կտեսնես, թե ինչ հաջողություն է պատրաստել ինձ համար բախտը։ Ահա՛ այն օրը, ասում եմ քեզ, երբ իմ բազուկի ողջ զորությունը պիտի հայտնաբերվի և երբ ես կկատարեմ գործեր, որոնք կգրվեն Փառաց Մատյանում գալիք սերունդների համար։ Տեսնո՞ւմ ես Սանչո, փոշու ամպը, որ սողում է այնտեղ։ Նա ահագին մի զորք է ծածկում զանազան, անթիվ ցեղերից, որ մեր կողմն է դիմում։
― Թե որ բանն այդպես դուրս եկավ, ― հայտարարեց Սանչոն, ― ապա երկու զորք, որովհետև մյուս կողմից ճիշտ դրան նման ուրիշ մի ամպ էլ է սլանում։
Շուռ գալով դոն Կիխոտը համոզվեց, որ Սանչոն ճիշտ էր ասում։ Եվ ծայր աստիճան ուրախացած, նա, առանց տատանվելու, որոշեց, որ երկու բանակ է շարժվում, որոնք պիտի մոտենան իրար և կռվեն լայնածավալ դաշտում։ Որովհետև ամեն ժամ, ամեն վայրկյան նրա երևակայության մեջ պատկերվում էին մարտեր, կախարդանքներ, արկածներ, սխրագործություններ, սիրային խելագարություններ, մենամարտություններ, որոնց մասին պատմում են ասպետական վեպերը և նրա բոլոր խոսքերը, գործողություններն ու մտքերը այդ կողմն էին ուղղված։ Մինչդեռ իրականում, փոշու ամպերը, որ նա նկատել էր, գառն ու ոչխարների երկու խոշոր հոտերից էր, որ առաջ էին շարժվում միևնույն ճամփով հակառակ ծայրերից, բարձրացնելով փոշի, որ խանգարում էր տեսնել նրանց, մինչև որ նրանք բոլորովին չմոտեցան։ Սակայն դոն Կիխոտը այնքան կրակոտ էր պնդում, թե դա երկու բանակ է, որ Սանչոն վերջ ի վերջո հավատաց ու ասաց․
― Բա հիմա ի՞նչ պիտի անենք, սինյոր։
― Ինչ անե՜նք, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Օգնության հասնենք և պաշտպանենք ավելի թույլ կողմը, որ պաշտպանության կարիք ունի։ Իմացած եղիր, Սանչո, որ մեզ ընդառաջ եկող բանակն առաջնորդում է Ալֆանֆարոն կայսրը, Տրապոբանա[88] խոշոր կղզու հրամայողը, իսկ մեր հետևից եկող զորքի առաջնորդը նրա թշնամին է, գարամանտների[89] թագավորը, «Թևը վեր քաշած» Պենտապոլինը, որը նրա համար է այդպես կոչվել, որ կռվի գնալուց միշտ մերկացնում է իր աջը։
― Ինչո՞ւ են ապա այդ երկու սինյորներն իրար այդպես ատում, ― հարցրեց Սանչոն։
― Որովհետև, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― Ալֆանֆարոն երդվյալ հեթանոսը սիրահարվել է Պենտապոլինի աղջկան, մի չքնաղ աղջկա, որ քրիստոնյա էլ է, իսկ հայրը չի ուզում նրան հեթանոս թագավորի մարդու տված լինի, մինչև որ նա չհրաժարվի սուրբ մարգարե Մոհամմեդի օրենքից և չընդունի մեր հավատը։
― Թող իմ միրուքը թափի, ― բացականչեց Սանչոն, ― թե Պենտապոլինը միանգամայն արդարացի չլինի։ Ես պատրաստ եմ նրան օգնելու իմ բոլոր ուժով։
― Եվ դու միանգամայն արդարացի կվարվես, ― ասաց դոն Կիխոտը, ― որովհետև այդպիսի կռիվներին մասնակցելու համար բոլորովին անհրաժեշտ չէ ասպետ լինել։
― Այդ ես հասկանում եմ, ― պատասխանեց Սանչոն։ Բայց ահա թե ինչ՝ որտե՞ղ թաքցնենք իմ էշին, որ այս տուր ու դմփոցից հետո նրան գտնենք։ Որովհետև էշի վրա կռվի ելնելը դժվար թե երբևիցե արված լինի։
― Ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― քեզ մնում է միայն բաց թողնել, տղաս, առանց հոգ տանելու, կկորչի թե չէ, ― որովհետև, եթե կռվից հաղթական դուրս գալու լինենք, մենք մեր տրամադրության տակ այնքան ձի կստանանք, որ անգամ Ռոսինանտին վտանգ է սպառնում, գուցե նրան փոխեմ՝ ուրիշ ձի վերցնեմ։ Իսկ հիմա լսի՛ր ինձ և ուշադրությամբ նայիր՝ ես քեզ մատնանշեմ երկու բանակի գլխավոր ասպետներին։ Եվ որպեսզի դու նրանցից յուրաքանչյուրին առանձին֊առանձին ավելի հեշտ տեսնես, բարձրանանք այս մոտիկ բլուրը, որտեղից երկու զորքն էլ լավ կերևան։
Նրանք այդպես էլ արին։ Բարձրացան բլուրը, որտեղից առանց դժվարության կարելի էր ջոկել երկու հոտն էլ, որ դոն Կիխոտը բանակների տեղ էր դրել, եթե միայն փոշու ամպերով պատած չլինեին, մի բան, որ մթագնում էր տեսողությունը։ Եվ ահա, իր երևակայության մեջ տեսնելով այն, ինչ նրա աչքերը չէին տեսնում և ինչ որ իրոք գոյություն չուներ, դոն Կիխոտը բարձրաձայն սկսեց․
― Տեսնո՞ւմ ես այն ասպետին խիստ դեղին զրահներով, որի վահանի վրա նկարված է աղջկա ոտների տակ պառկած թագակիր առյուծը։ Դա արի Լաուրկալկոն է, Պուենտե դե Պլատայի[90] իշխանավորը։ Իսկ այն, ոսկե ծաղիկներով զարդարած զրահներովը, որ վահանի վրա, լուրթ դաշտի մեջ երեք արծաթե թագ ունի, դա ահեղ Միկոկոլեմբոն է, Կիրոսիի մեծ դուքսը։ Հետո, նրա աջ կողմից՝ ճշմարիտ հսկա, անվախ Բրանդաբարբարան դե Բոլիչեն է, երեք Արաբիայի իշխողը։ Նրա հագին օձի կաշի է և ձեռքին, վահանի փոխարեն՝ դուռ, որ, ըստ ավանդության, պատկանելիս է եղել տաճարին, որ քանդեց Սամսոնը, երբ որ, մեռնելուց, իր թշնամիներից վրիժառու եղավ։ Հիմա, եթե դու մյուս կողմը դարձնելու լինես հայացքդ, երկրորդ զորքի առաջնորդներից, զորքի առջևից, կտեսնես միշտ հաղթող և տակավին երբեք չհաղթված Տիմոնել Կարկախոնցուն, նոր Բիսկայի տիրոջը։ Նրա հագին քառափեշ զրահ կա՝ լուրթ, կանաչ, ճերմակ ու դեղին գույներով, իսկ վահանի վրա շեկ դաշտում կատու, «Մյաու» ստորագրությամբ, ինչպես հաստատում են, նրա տիկնոջ կրճատ անունը, աննման Միուլինեի, Ալֆենիկեն Ալգարբացի հերցոգի դստեր։ Այն մյուսը, քիչ հեռուն, որի ծանրության տակ ծռվում է նրա զորավոր ձիու ողնաշարը, ձյունաթույր զրահներով ասպետը, ճերմակ վահանով առանց նշանաբանի, դա նորելուկ ասպետ է, ցեղով՝ ֆրանսիացի, անունը՝ Պիեր Պապին, Ուտրիկի բարոնությունների կալվածատեր։ Իսկ այն, ավելի հեռուն, երկնագույն լուրթ զրահներով, որ իր երկաթե խթանները խրում է իր արագաոտն շերտավոր վագերաձիու կողերը, Ներբիի զորավար հերցոգ Էսպարտաֆիլարդո դել Բոսկեն է, որի վահանի վրա մի կապ սպանաղ է նկարած և կաստիլերին նշանաբան գրած՝ Հետևիր իմ բախտին։
Եվ շարունակելով նույն եղանակով՝ դոն Կիխոտը բազմաթիվ ասպետների անուններ հիշատակեց, որ երկու կարծեցյալ բանակներում գտնվում էին, յուրաքանչյուրին հատուկ զինանշան, գույն, նշան ու ազդանշան տալով, որ հուշում էր նրա չտեսնված խելագարությունը և ապա, առանց հանգիստ առնելու, շարունակում էր․
― Մեր դիմացի զորքը ամենաբազմազան ցեղերից է բաղկացած։ Այստեղ հռչակավոր Կսանֆի անուշ ջրերը խմող ժողովուրդներ կան, մարդիկ, որ ոտնակոխ են անում մասսիլիական լեռնադաշտերը, ցեղեր, որ ցանում են երջանիկ Արաբիայի զուտ ոսկու փոշին, նրանք, որ երանավետ կյանք են քաշում վճիտ Տերմոդոնտի սքանչելի, զովասուն ափերին, նրանք, որ բազմատեսակ եղանակով սպառում են ոսկեբեր Պատոկլը, իրենց խոսքին անհավատարիմ նումիդիացիները, իրենց նետ ու աղեղով հայտնի պարսիկները, վազ տալու միջոցին կռվող մեդիացիկ ու պարթևները, արաբները, իրենց քոչվոր վրաններով, սկյութացիները, որոնք նույնքան հայտնի են իրենց դաժանությամբ, որքան և մորթու ճերմակությամբ, ծակված շուրթերով հաբեշստանցիները և հազար ու բյուր ուրիշ ցեղեր, որոնց դիմագծերը ես տեսնում ու ճանաչում եմ, թեև ի վիճակի չեմ մտաբերելու նրանց անունը։ Մյուս բանակում դու տեսնում ես ձիթենիների պուրակներ ոռոգող Բեթիսի բյուրեղյա կոհակները խմող ցեղեր, նրանց, որոնք իրենց երեսը թարմացնում ու լվանում են մշտառատ, ոսկեհեր Տախոյի ջրերով, նրանց, որոնք վայելում են սքանչելի Խենիլի պտղաբեր ջրերը, նրանց, որոնք պարարտ արոտներ ունեցող տարտեզիական դաշտերում են թափառում, նրանց, որոնք Խերեսի ելիսեյան մարգերում են անհոգ ապրում, հարուստ լամանչեցիներին, ոսկե հասկերից պսակներով, երկաթակապ մարդկանց, հին գոթերի վերջին սերունդներին, մարդկանց, որ ծանր հոսանքով հայտնի Պիսուրգվում են ընկղմում իրենց մարմինները, նրանց, որոնք արածացնում են իրենց հոտերը արձակ արոտներում ծուռումուռ Գվադիանայի, որ հռչակված է աչքերից թաքուն մնացող ջրերով,[91] նրանց, որոնք դողում են ցրտից անտառապատ Պիրենեյում և Ապենինի ձյունապատ բարձրունքներում, մի խոսքով բոլոր ցեղերը, որ պարունակում է իր մեջ և սնում Եվրոպան։
Տեր Աստվա՜ծ, քանի՜, քանի՜ երկրի անուն տվեց նա, քանի՜ ժողովուրդ հիշատակեց՝ վայրկյանապես ամեն մեկին առանձին հատկություն վերագրելով։ Եվ այս ամենը նա քաղում էր իր կարդացած սուտ վեպերից, որոնցով լի էր նրա գլուխը։ Սանչոն նրան ունկդրում էր՝ ուշի ուշով, սիրտ չանելով մի խոսք ասել և միայն ժամանակ առ ժամանակ գլուխը շուռ էր տալիս այն հույսով, որ տեսնի ասպետներին ու հսկաներին, որոնց հիշատակում էր իր տերը։ Բայց որովհետև նրանցից և ոչ մեկին նրան չհաջողվեց երևան բերել, նա վերջ ի վերջո ասաց․
― Ո՞ր ջհաննամն են կորել, սինյոր, բոլոր այդ ասպետներն ու հսկաները, որոնց մասին խոսում է ձերդ ողորմածությունը։ Ես, գոնե, նրանցից և ո՛չ մեկին չեմ տեսնում։ Թե՞ նրանք բոլորն էլ նույնպես հմայված են, ինչպես տեսիլները, որ հայտնվեցին մեզ անցյալ գիշեր։
― Այդ ինչե՜ր ես խոսում դո՛ւ, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե դու չես լսում ձիերի խրխրնջոցը, թմբուկների թնդյունը և եղջերափողերի հնչյունը։
― Ես ոչինչ չեմ լսում, ― պատասխանեց Սանչոն, ― բացի գառն ու ոչխարների մայունը։
Եվ դա զուտ ճշմարտություն էր, որովհետև այդ միջոցին երկու հոտը բոլորովին մոտեցել էին իրար։
― Ահը, որ քեզ պատել է, ― ասաց դոն Կիխոտը, ― խանգարում է քեզ, Սանչո, ճիշտ տեսնել ու լսել։ Երկյուղի արտահայտություններից մեկն այն է, որ մեր զգացմունքները կորցնում են պայծառությունը, և ամեն ինչ մեզ աղճատված ձևով է ներկայանում։ Թե որ դու այդքան վախեցել ես, ապա մի կողմ քաշվիր և թող որ ես մենակ գործեմ, որովետև ես մենա՛կ էլ հերիք եմ, որպեսզի ապահովեմ հաղթանակը նրանց, որոնց ես օգնելու լինեմ։
Այս խոսքերով նա խթանները խրեց Ռոսինանտի կողերը և, նիզակը ճոճելով, կայծակի արագությամբ սլացավ բլուրից։
― Տեր իմ, սինյոր դոն Կիխոտ, ― սկսեց ճչալ Սանչոն, ― վերադարձեք, իմ հոգին վկա, դուք գառն ու ոչխարների վրա կհարձակվեք։ Վերադարձեք, աղաչում եմ հանուն իմ հոր։ Այդ ի՜նչ խելագարություն է։ Հավատացեք ինձ, այստեղ ո՛չ հսկա կա, ո՛չ ասպետ, ո՛չ կատու, ո՛չ զենք ու զրահ, ո՛չ ամբողջ, ո՛չ էլ քառափեշ վահաններ, ո՛չ լուրթ երկինք, ո՛չ էլ ձեր բոլոր սատանայական բաները։ Այդ ի՜նչ է անում նա, վա՜յ իմ մեղաց։
Բայց ոչինչ չէր կարող կանգնեցնել դոն Կիխոտին, որ բարձրաձայն բացականչում էր․
― Համարձա՛կ, թևը վեր քաշած Պենտապոլին ազնիվ կայսեր դրոշակներին հավատարիմ ասպետներ։ Հառա՛ջ, ինձ հե՜տ։ Դուք կտեսնեք, թե ինչ արագ ես վրիժառու կլինեմ նրա թշնամի Ալիֆանֆարոն Տրապոբանացուց։
Այս կոչերով նա ներխուժեց ոչխարի հոտի խորքն ու սկսեց նրանց ծակել իր նիազակով այնպիսի կատաղի խիզախությամբ, ասես իսկ որ իր մահացու թշնամիները լինեին։ Հովիվները փորձեցին աղաղակներով նրան կանգնեցնել, սակայն տեսնելով, որ խոսքերը չեն օգնում, նրանք դիմեցին իրենց պարսերին և սկսեցին դոն Կիխոտի ականջները ողջունել բռունցքի մեծությամբ քարերով։ Սակայն սա, առանց քարերին ուշ դարձնելու, դես֊դեն էր ընկնում դաշտում բացականչելով․
― Որտե՞ղ ես, գոռոզ Ալիֆանֆարոն։ Դո՛ւրս եկ իմ դեմ։ Ես պատրաստ եմ մեկը մեկի դեմ կռվելու քեզ հետ և մահացու հարված հասցնել քեզ որպես պատիժ քո հանդուգն հարձակման Պենտապոլին Գարամանցու վրա։
Այդ վայրկյանին նրա կողքին մի բավական մեծ քար դիպավ բաց թողած պարսից և նրա երկու կողը ջարդեց։ Զգալով հարվածը, դոն Կիխոտը վճռեց, որ ինքը սպանված է կամ մահացու վիրավորված։ Սակայն մտաբերելով, որ բալասան ունի, նա բռնեց ամանը, տարավ բերանն ու սկսեց ածել հեղուկը փորը։ Սակայն նա բավական չափով, իր կարծիքով կուլ չէր տվել, երբ երկրորդ քարը վրա հասավ, որ այնքան ճարպիկ էր բաց թողնված, որ դիպչելով նրա ձեռքին, ոչ միայն ջարդեց նրա ամանը, այլ փշրեց նրա երեք֊չորս ատամը, համ էլ ճզմեց երկու մատը։ Եթե առաջին հարվածը վատ չէր, ապա երկրորդը, գետին գլորեց խեղճ ասպետին։ Հովիվները մոտ վազեցին և կարծեցին, թե վերջացրել են նրան։ Հավաքելով իրենց հոտը, նրանք գցեցին ուսերին սպանված ոչխարներին, որ յոթը հատ դուրս եկավ, և առանց երկար խորհելու, արագ֊արագ հեռացան։
Սանչոն, որ մնացել էր բլուրի վրա և դիտում էր իր տիրոջ խելագարությունը, փետտում էր մազերը և անիծում այն օրն ու ժամը, երբ բախտը միացրեց նրանց։ Տենսելով, որ դոն Կիխոտը պառկած է գետնին և որ հովիվներն արդեն հեռացել են, նա իջավ բլուրից և մոտեցավ դոն Կիխոտին, որը սաստիկ ողբալի վիճակի մեջ էր, թեև ուշագնաց չէր եղել։
― Չէ՞ի աշխատում ես, սինյոր դոն Կիխոտ, ― ասաց Սանչոն, ― ձեզ հետ կասեցնել։ Չէ՞ի ասում, թե դա բանակ չէ, այլ ոչխարի հոտ։
― Ահա թե իմ ստոր թշնամին, կախարդը, ինչ փոփոխում և կերպարանափոխություն է սարքում։ Իմացա՛ծ եղիր, Սանչո, որ կախարդների համար ավելի հեշտ բան չկա, քան մեզ ստիպել տեսնելու այն ամենը, ինչ նրանք կամենան։ Այսպես էլ այս անպիտանը, որ հալածում է ինձ, խանդելով իմ փառքին, որ պիտի վայելեի այս ճակատամարտից հետո, թշնամի բանակը ոչխարի հոտ դարձրեց։ Եթե չես հավատում, խնդրեմ, մի բան արա, որ ցրես քո տարակուսանքն ու համոզվես, որ ես ճիշտ եմ ասում։ Նստիր քո էշը և կամաց֊կամաց գնա նրանց հետևից ― և դու կտեսնես, որ մի քիչ հեռանալով, նրանք իրենց նախկին կերպարանքը կընդունեն և ոչխարից կրկին ամենաիսկական մարդիկ կդառնան, այնպես, ինչպես ես նկարագրել եմ նրանց քեզ համար։ Միայն թե իսկույն մի գնա, որովհետև ես հիմա կարոտ եմ քո խնամքին և օգնությանը։ Մոտ եկ և տես՝ քանի՞ ատամ եմ կորցրել։ Ինձ թվում է, թե այլևս ոչ մեկը չի մնացել։
Սանչոն այնպես կռացավ, ասես մտադիր էր գլխով ներս մտնել նրա բերանը։ Սակայն այդ իսկ պահին բալասանն սկսեց ներգործել դոն Կիխոտի ստամոքսում և այն վայրկյանին, որ Սանչոն սկսեց զննել նրա բերանը, նրա տերը, հրացանի արձակման ուժով սիրտ թափեց, այն ամենը, ինչ որ մեջը կար, կարեկից զինակրի միրուքի վրա։
― Ամենասուրբ կույս, ― բացականչեց Սանչոն, ― այս ի՞նչ է կատարվում։ Երևի խեղճը մահացու վերք է ստացել, որ արյուն է թափում։
Սակայն լավ նայելով, նա իսկույն գույնից, համից ու հոտից հասկացավ, որ դա արյուն չէ, այլ բալասան, որ դոն Կիխոտը նրա աչքերի առջև խմեց թիթեղյա ամանից։ Դրանից Սանչոյի սիրտը այնպես խառնեց, որ նրա ողջ ստամոքսը շուռ եկավ և նա սիրտ թափեց ուղղակի դոն Կիխոտի երեսին։ Նրանք երկուսով էլ փառավորապես զարդարված էին։ Սանչոն վազեց էշի հետևից, որ պայուսակից մի բան հանի, հա՛մ իրեն սրբի, հա՛մ տիրոջ վերքը կապի և հայտնաբերելով պայուսակի անհետանալը, քիչ էր մնացել խելագարվեր։ Կրկին անեծքի տոպրակը բաց անելով՝ նա հաստատ վճռեց իր հոգում թողնել իր տիրոջը և վերադառնալ իր տունը՝ խաչ դնելով աշխատած ռոճիկի և խոստացած կղզու նահանգապետ դառնալու հույսի վրա։
Նույն միջոցին դոն Կիխոտը բարձրացավ և, ձախ ձեռքը դնելով բերնին, որ ատամները չթափվեն գետին, աջ ձեռքով բռնեց Ռոսինանտի սանձը, որ ամբողջ այդ ժամանակ ոչ մի քայլ չէր հեռացել իր տիրոջից (մինչ ա՜յդ աստիճան հանգիստ ու հավատարիմ անասուն էր) և մի կերպ հասավ այնտեղ, որտեղ կանգնած էր Սանչոն, կուրծքը հենած իր էշին և ձեռքով բռնած իր թուշը, դառը մտածմունքի մեջ։ Տեսնելով նրան այդ դիրքում, որ խորունկ վիշտ էր արտահայտում, դոն Կիխոտն ասաց․
― Իմացած եղիր, Սանչո, ով որ ուզում է ուրիշներից բարձր լինել, նա ուրիշներից շա՛տ էլ պիտի անի։ Մեր գլխին պոռթկած բոլոր այս փոթորիկները վկայում են, որ շուտով երկինքը կբացվի և մեր գործերը լավ կընթանան։ Որովհետև ո՛չ վիշտը, ո՛չ խինդը չափազանց տևական չեն լինում, իսկ դրանից բխում է, որ եթե վիշտը շատ երկար է քաշել, ապա ուրեմն մոտ է խինդը։ Ուստի ինձ հասած և քեզ բնավ չդիպած տառապանքների համար այլևես մի՛ վշտանար։
― Ո՜նց թե չդիպած, ― գոռաց Սանչոն։ ― Իսկ նա, որին վերմակի վրա վեր֊վեր էին թռցնում, իմ հոր որդին չէ՞ր։ Իսկ պայուսա՞կը, որ կորել է բոլոր իմ ունեցած֊չունեցածով, որիշի՞նն է, իմը չէ՞։
― Պայուսակը կորե՞լ է, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ցավն էլ այն է, որ կորել է, ― պատասխանեց Սանչոն։
― Ասել է թե՝ այսօր մենք ճաշելու պատեհություն չենք ունենալու, ― ասաց դոն Կիխոտը։
― Դե, իհարկե, չէինք ունենա, ― ասաց Սանչոն, ― եթե այս արոտներում բսած չլինեին, ձերդ ողորմածության ասելով, ձեզ լավ ծանոթ խոտերը, որոնք հաջողությամբ կարող են փոխարինել սովորական սնունդը ձերդ ողորմածության պես ձախորդ թափառական ասպետների համար։
― Այնուամենայնիվ, ― ասաց դոն Կիխոտը, ― Դիոսկորիդի նկարագրած և անգամ դոկտոր Լագունայի[92] մեկնություններով հրատարակված բոլոր բույսերից ես կնախընտրեի լավ հացը կամ նույնիսկ հացի կտոր և մի երկու ապխտած սարդինկա հետը։ Սակայն ի՜նչ խոսենք դրա մասին։ Նստի՛ր, բարի Սանչո, քո էշի վրա, ե՛կ իմ հետևից։ Աստված, որ բոլորի մասին հոգ է տանում, չի մոռանա և մեզ քեզ հետ, մանավանդ որ մենք այնքան եռանդուն ծառայում ենք նրան, չէ՞ որ նա սնունդ է տալիս և՛ մոծակներին օդում, և՛ ճիճուներին հողի մեջ, և՛ գորտի շերեփուկին ջրի մեջ, նա, որ այնքան բարի է, որ նրա արևը լույս է տալիս և՛ բարիներին, և՛ չարերին, իսկ անձրևը թրջում է և՛ արդարներին, և՛ մեղավորներին։
― Ձերդ ողորմածությանը, ― ասաց Սանչոն, ― ավելի վայել է քարոզիչ լինել, քան թափառական ասպետ։
― Թափառական ասպետները միշտ ամեն բան կարող էին անել և ամեն բան պարտավոր էին իմանալ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Եվ հին ժամանակները նրանց միջև պատահում էին այնպիսիները, որ կարող էին ճառ արտասանել կամ քարոզ կարդալ ռազմական բանակում Փարիզի համալսարանի ամեն դոկտորից ոչ վատ, ― մի բան, որից բխում է, որ երբեք նիզակը չի բթացրել գրիչը, ինչպես գրիչը՝ նիզակը։
― Լավ, թող ձեր ասածը լինի, ― ասաց Սանչոն։ ― Իսկ հիմա ճամփա ելնենք և որևէ տեղ գիշերելու տեղ գտնենք։ Եթե Աստված մեզ օգնե՜ր, տեղ գտնելու, որտեղ ո՛չ վերմակ կա, ո՛չ այն վերմակի վարպետները, ո՛չ տեսիլներ, ո՛չ հմայված մավրեր։ Գետինը մտնեմ, եթե նրանց հանդիպելու ցանկություն մնացած լինի մեջս։
― Խնդրի՛ր, զավակս, Աստծու օգնությունը, ― ասաց դոն Կիխոտը, ― և տար ինձ ուր որ կամենաս, որովհետև այս անգամ ես պատրաստ եմ քեզ թողնելու գիշերելու տեղի ընտրությունը։ Իսկ հիմա ձեռքդ պարզի՛ր և շոշափի՛ր՝ վերի ծնոտումս քանի՞ ատամ է պակասում աջ կողմից, որովհետև այստեղ ամենից ուժեղ է ցավում։
Սանչոն ձեռքը կոխեց նրա բերանը և մի լավ շոշափելուց հետո հարցրեց․
― Ձերդ ողորմածությունն առաջ քանի՞ ատամ է ունեցել այստեղ։
― Չորս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և բոլորը, բացի իմաստության ատամից, ողջ և առողջ են եղել։
― Հո չի՞ սխալվում ձերդ ողորմածությունը, ― հարցրեց Սանչոն։
― Ասում եմ քեզ՝ չորս, եթե ոչ հինգ, ― պատասպանեց դոն Կիխոտը, ― որովհետև կյանքումս դեռ ատամ չեն հանել և ոչ մի ատամս չի փտել կամ վեր չի ընկել մրսածությունից։
― Իսկ հիմա, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― այս կողմում, ներքևում երկու ու կես է մնացել, իսկ վերևից՝ ոչինչ ոչնչից ոչինչ, անգամ կեսն էլ չկա՝ բոլորովին հարթացել է ոնց որ ձեռքի ափ։
― Ա՛յ քեզ դժբախտություն, ― ասաց դոն Կիխոտը, լսելով զինակրից այդ տխուր նորությունը։ ― Ավելի լավ էր ձեռքս կտրեին ― միայն թե, իհարկե, ոչ աջը, որպեսզի թուրս բռնելու բան ունենամ։ Որովհետև, իմացած եղիր, Սանչո, բերանը, առանց արմատական ատամների նույնն է, ինչ որ ջրաղացը առանց ջաղացքարերի և որ մարդուս համար յուրաքանչյուր ատամը ադամանդից թանկ է։ Բայց ինչ արած, այդպիսի դժբախտությունների ենք մենք ենթակա, մենք, որ ասպետականության խիստ ուխտ ենք ընդունել։ Նստիր, բարեկամս, էշիդ վրա և ճամփա ընկիր, իսկ ես կհետևեմ քեզ ամենուրեք, ուր որ կամենաս։
Սանչոն այդպես էլ արեց։ Նա մեծ ճամփով, որ փռված էր ուղիղ նրա առջև, այն կողմը, որտեղ, նրա ենթադրությամբ, կարելի էր գիշերելու օթևան գտնել, առաջ ընկավ։
Կամաց֊կամաց, զորով֊գեժով գնալով, ― որովհետև դոն Կիխոտի ծնոտների անդադրում ցավերը թույլ չէին տալիս արագացնելու ընթացքը, Սանչոն, որպեսզի իր տիրոջը մի բանով ցրած լինի, որոշեց նրա հետ զրույց սկսել և շատ ուրիշ բաների թվում, նա արտահայտվեց մի բանի մասին, որի մասին մենք կիմանանք հետևյալ գլխից։
Գլուխ XIX
Սանչո Պանսայի և նրա տիրոջ խելացի խոսակցության և դրան հաջորդած մեռած մարմնի արկածի մասին, ինչպես և այլ նշանավոր անցք ու դեպքերի մասին
― Թվում է ինձ, սինյոր, բոլոր այս աղետները, որ թափվում են մեզ վրա վերջին ժամանակս ― պատիժ է, որովհետև ձերդ ողորմածությունը խախտել է ասպետական օրենքը և չի կատարել իր երդումը՝ սուփրի վրա հաց չուտել, թագուհու հետ չզվարճանալ և շատ ուրիշ բան, որ դուք խոսք եք տվել չանել, մինչև որ Մալանդրինի սաղավարտը ձեռք չբերեք կամ գուցե այդ մավրին ուրիշ տեսակ են կոչում, էլ չեմ հիշում։
― Դու չես սխալվում, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ճիշտն ասած, այդ երդումը բոլորովին դուրս էր թռել գլխիցս։ Այդ քիչ է, կարող ես հավատացած լինել՝ վերմակի վրա քեզ վեր֊վեր թռցնելը հենց այն պատճառով պատահեց քեզ, որ դու ինձ ժամանակին այդ չհիշեցրիր։ Բայց ես կհարթեմ իմ հանցանքը, որովհետև ասպետական կանոններում նախատեսնված են ամեն մեղքի քավության հնարները։
― Ես խոմ ոչ մի երդում չեմ կերել, ― բացականչեց Սանչոն։
― Կարևոր չէ՝ երդվել ես, թե չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ա՛յն էլ բավական է, որ իմ կարծիքով քեզ կարելի է մեղսակից համարել։ Ինչ էլ լինի, պետք է փորձել մեր սխալն ուղղել։
― Քանի որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ապա աշխատեցեք, ձերդ ողորմածություն, գոնե այդ չմոռանալ, ինչպես մոռացաք ձեր երդումը, թե չէ, ով գիտի, տեսիլները մեկ էլ կցանկանան գլխիս օյին բերել և ձեր ողորմածության գլխին, երբ նրանք տեսնելու լինեն, ձեր համառությունը։
Այս և սրա նման խոսակցություններ էին անում նրանք և նախքան գիշերելու օթևան գտան ու հասան, ճամփին վրա հասավ գիշերը։ Իսկ ավելի վատն այն էր, որ նրանց սկսել էր կեղեքել քաղցը, որովհետև պայուսակի հետ նրանք կորցրել էին իրենց ուտելու պաշարը։ Եվ, այստեղ, ի լրումն ամենի, նրանց պատահեց ամենաիսկական, բնավ ոչ մտացածին արկած։ Թեև գիշերը բավական մութն էր, նրանք առաջ էին շարժվում, որովհետև Սանչոն վճռել էր, որ քանի որ սա բանուկ ճանպարհ է, նրանք մեկ֊երկու մղոնից պետք է որ իջևանի հանդիպեն։ Եվ ահա, այն միջոցին, երբ նրանք երկուսով ― սոված զինակիրը և նրա տերը, որ նմանապես հակառակ չէր մի բան ուտելու ― այսպես թափառում էին միասին մթության մեջ, հանկարծ ճամփին նրանք տեսան բազմաթիվ կրակներ, որ շարժվում էին ընդառաջ և նման էին մոլորված աստղերի։ Նրանց տեսնելուց Սանչոն սարսափահար եղավ, ասենք՝ դոն Կիխոտի տրամադրությունն էլ փչացավ։ Մեկը քաշեց էշի սանձը, մյուսը՝ ձիու և երկուսն էլ կանգ առան, ուշի֊ուշով մտիկ տալով, թե դա ինչ կարող է լինել։ Նրանք նկատեցին, որ կրակներն իրենց կողմն են շարժվում և քանի մոտենում, այնքան մեծանում են։ Այդ տեսնելով Սանչոն դողաց, ինչպես սնդիկից թունավորված մարդ, ասենք դոն Կիխոտի մազերն էլ բիզ֊բիզ կանգնեցին։ Մեր ասպետը մի փոքր հուզված ասաց․
― Անտարակույս, Սանչո, սա մեր մեծագույն և վտանգավոր արկածներից մեկն է, որի միջոցին ես պետք է հայտնաբերեմ իմ ողջ ուժն ու արիությունը։
― Կորա՜, ― բացականչեց Սանչոն։ ― Եթե սրանք էլ տեսիլներ են, ― իսկ նման է, որ այդպես է, ― որտեղի՞ց կողեր գտնեմ, որ նոր քոթակին դիմանամ։
― Եթե անգամ ամենաիսկական տեսիլներ էլ լինեն, ― հայտարարեց դոն Կիխոտը, ― ես նրանց թույլ չեմ տա, որ քո շորի մեկ թելին ձեռք տան։ Եթե անցյալ անգամ նրանք քեզ քալագի մեջ գցեցին, ապա միմիայն այն պատճառով, որ ես չկարողացա ցանկապատից բակն անցնել։ Բայց հիմա մենք բաց դաշտում ենք, և այստեղ տեղ կա թուր քաշելու։
― Իսկ եթե նրանք դարձյալ ձեզ հմայե՞ն ու մեխե՞ն ձեր տեղում, ինչպես այն անգամ, ― ասաց Սանչոն, ― ի՞նչ օգուտ, որ բաց դաշտում ենք։
― Համենայն դեպս, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― խնդրում եմ, մի՛ վհատիր։ Դու հիմա գործով կտեսնես, թե ինչ արիության տեր եմ ես։
― Կաշխատեմ Աստծու օգնությամբ քաջանալ, ― պատասխանեց Սանչոն։
Ճանապարհից մի քիչ ծռելով, նրանք նորից սկսեցին պրպտող հայացքով զննել, փորձելով ջոկել, թե ինչ կրակներ են նրանց վրա շարժվում և շուտով նշմարեցին լայնարձակ վերարկուներ հագին բազմաթիվ կերպարանքներ։ Այս ահավոր տեսարանը Սանչոյին հալից գցեց, նրա ատամները զարկվում էին իրար, ասես տենդի մեջ լիներ։ Բայց նրա դողը ավելի սաստկացավ և ատամներն ավելի ուժեղ սկսեցին զարկվել, երբ որ նրանք ամեն ինչ տեսան։ Նրանց հայացքի առջև ներկայացան մոտ քսան ձիավոր՝ ճերմակ, լայնարձակ վերարկուներով, որ գալիս էին, վառ ջահերը ձեռներին, հուղարկավորական սայլի առջևից, որի հետևից ևս վեց նման ձիավոր էր հետևում, որոնք մինչև իրենց ջորիների սմբակները սուգ էին կապել։ Որ դրանք ջորիներ էին, այլ ոչ թե ձիեր, իսկույն երևում էր նրանց հանգիստ քայլվածքից։[93] Լայնարձակ վերարկուներով ձիավորները դանդաղ շարժվում էին առաջ, քթի տակ ինչ֊որ մրթմրթալով կամացուկ ու լալագին ձայնով։ Այսպիսի արտասովոր մի տեսարան, այսքան ուշ ժամին և այսպիսի մի ամայի վայրում, կարող էր խռովեցնել ում ասես, ոչ միայն Սանչոյին։ Ավա՜ղ, ինչո՞ւ նույնը չպատահեց դոն Կիխոտին։ Այն իսկ պահին, երբ Սանչոն վերջնականապես ընկել էր հոգով, բոլորովին հակառակը կատարվեց նրա տիրոջ մեջ, որի երևակայությանը կենդանագրվեց մեկն այն արկածներից, որ նկարագրված են նրա վեպերում։
Նրան թվաց, թե հուղարկավորական սայլը սգի կառք է, որի վրա տանում են ինչ֊որ մեռած կամ ծանր վիրավորված մի ասպետ և որ հենց ինքը՝ դոն Կիխոտը, պետք է որ նրա վրեժը լուծի։ Ուստի, առանց երկար խորհելու, նա ճոճեց իր նիզակը, ամրացավ թամբի վրա և, վեհ կերպարանք ընդունելով, ղոչաղ տեսքով դուրս եկավ ճամփի մեջտեղը, որտեղից պիտի անցնեին լայնարձակ վերարկուներով ձիավորները։ Եվ երբ որ նրանք բոլորովին մոտեցել էին, նա բարձրաձայն գոչեց․
― Կանգ առեք, ասպետներ, կամ ով էլ լինեք, և իսկույն ասացեք ինձ, թե ովքե՞ր եք դուք, ո՞ւր եք գնում, ո՞ւսկից եք գալիս և ո՞ւմ եք տանում սայլի վրա։ Որովհետև ըստ ամենայնի երևում է, որ դուք ինչ֊որ ոճրագործության մեղապարտներն եք կամ զոհերը։ Ուստի ես պետք է իմանամ, թե բանն ինչ է, որպեսզի կամ պատժեմ ձեզ ձեր արածի համար, կամ վրեժ լուծեմ ձեզ հասցրած վիրավորանքի համար։
― Մենք շտապում ենք, ― ասաց լայնարձակ վերարկու հագածներից մեկը, ― իսկ մինչև իջևանը դեռ հեռու է։ Ուստի մենք ժամանակ չունենք քեզ երկար ու բարակ բացատրություններ տալու։
Եվ, խթանելով ջորուն, նա կամեցավ կողքից անցնի։ Դոն Կիխոտը, այդպիսի պատասխանից սաստիկ վիրավորված, բռնեց ջորու սանձը ու ասաց․
― Կանգ առեք, համբակներ, և պատասխանեցեք իմ հարցերին։ Հակառակ դեպքում ես ձեզ բոլորիդ մարտի եմ կանչում։
Ջորին վախկոտ էր, և երբ որ նրա սանձը բռնեցին, նա այնպես խրտնեց, որ հետի ոտների վրա կանգնեց և վրան նստածին գետին գցեց։ Կողքից գնացող ծառան, տեսնելով, որ տերը վայր ընկավ, սկսեց հայհոյել դոն Կիխոտին։ Այն ժամանակ առանց այն էլ կատաղած դոն Կիխոտը իսկույն նշան բռնեց նիզակով և վրա տվեց սև հագած մարդկանցից մեկի վրա, որ սաստիկ ջարդ կրելով գետին գլորվեց։ Ապա դոն Կիխոտը հարձակվեց մյուսների վրա և պետք էր տեսնել, թե ինչ արագությամբ էր նրանց հախիցը գալիս։ Թվում էր, թե Ռոսինանտը թև էր առել ― այնպես թեթև և հպարտ սուրում էր ետ ու առաջ։ Լայնարձակ վերարկուներով ձիավորները բոլորն էլ երկչոտ և անզեն մարդիկ էին, ուստի և մի ակնթարթում, առանց պայքարի, նրանք թողին ճամփան և փախան դաշտի զանազան կողմերը՝ վառ ջահերը ձեռներին։ Նրանք նման էին ուրիշի շորեր հագած մարդկանց դիմակահանդեսում, որոնք զվարճանում են բարեկենդանի գիշերներին։ Իսկ սևազդեցիկների ոտները փաթաթվել էր իրենց լայնարձակ վերարկուների փեշերին, ուստի նրանք չէին կարող արագ շարժվել, մի բան, որ դոն Կիխոտին թույլ տվեց առանց առանձին դժվարության փառավոր ջարդ ու բուրդ անել նրանց բոլորին և ստիպել, որ կամա֊ակամա կռվի դաշտը իրեն զիջեն։ Եվ իսկ որ նրանց թվում էր, թե դա մարդ չէ, այլ սատանա, որ հանդես է եկել դժոխքից, որպեսզի սայլի վրա դրած դին գողանա։
Նայելով այս ամենին, Սանչոն միայն զարմանում էր իր տիրոջ խիզախությունից և խորհում՝ «երևի թե իրոք իր տերն այնպես խիզախ ու զորեղ է, ինչպես որ ասում էր»։ Ջորուց վայր ընկածի մոտ, գետնին, մի վառ ջահ կար, որի լույսից դոն Կիխոտը նկատեց պառկածին։ Մոտենալով նրան, նա իր նիզակի սուր ծայրը դրեց նրա դեմքին և հրամայեց, որ անձնատուր լինի՝ սպառնալով, որ կսպանի նրան։ Սա պատասխանեց․
― Ես ավելի քան անձնատուր եմ եղել, որովհետև ջարդել եմ ոտս և չեմ կարող տեղիցս շարժվել։ Աղաչում եմ, ձերդ ողորմածություն, եթե դուք բարի քրիստոնյա եք, ինձ մի՛ք սպանի, որովհետև ես լիցենտիատ եմ և արդեն իսկ հոգևոր կոչում եմ ընդունել։
― Բայց ի՞նչ սատանա ստիպեց ձեզ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― հոգևոր անձիդ, խառնվել այս պատմության մեջ։
― Ո՞վ խառնեց ինձ նրա մեջ, ― հարցրեց տապալվածը, ― իմ չար բախտը։
― Ավելի վատթար կլինի ձեր բախտը, ― ասաց դոն Կիխոտը, ― եթե դուք կարգին չպատասխանեք այն հարցին, որ ես սկզբից ևեթ տվի։
― Սիրով կբավարարեմ ձերդ ողորմածությանը, ― պատասխանեց լիցենցիատը։ ― Ուրեմն, թույլ տվեք զեկուցեմ ձերդ ողորմածությանը, որ թեև ես հիմա ինքս ինձ լիցենցիատ անվանեցի, ես իրոք ընդամենը բակալավր եմ Ալանսո Լոպես անունով, ծնված Ալկոբենդասում։ Ես գալիս էի Բաես քաղաքից, այն տասնմեկ քահանաների հետ, որ ջահերը ձեռին փախան և մենք ուղևորվեցինք Սեդովիա, ուղեկցելով այս սայլի վրայի մարմինը մի ազնվականի, որ մեռել էր Բաեսում։ Նա սկզբից այնտեղ թաղված է եղել, իսկ հիմա մենք նրա աճյունը փոխադրում ենք նրա տոհմական դամբարանը, Սեդովիա, որտեղ նա ծնվել է։
― Ո՞վ է նրան սպանել, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Աստված, փտած ջերմախտի օգնությամբ, որ նրան գերեզման տարավ։
― Եթե այդպես է, ― ասաց դոն Կիխոտը, ― ապա Աստված ինձ ազատել է այդ մարդու վրեժը լուծելուց, որովհետև նրա մահվան մեջ ոչ ոք մեղավոր չէ։ Քանի որ նա մեռել է, մնում է ինձ, նրան մահ ուղարկողի կամքով, ձեռքերս խփեմ ծնկներիս, ինչպես եթե այդ ինձ պատահեր։ Պետք է ասեմ, ձերդ արժանապատվություն, որ ես լամանչեցի ասպետ եմ, դոն Կիխոտ անունով, իմ զբաղմունքն ու կոչումն է՝ թափառել աշխարհովս մեկ՝ արկածի հետևից ընկած, ամենուրեք արդար դատաստան անելով և պատժելով չարագործությունը։
― Էլ չգիտեմ, ― ասաց բակալավրը, ― ինչպես եք արդար դատաստան կտրում, միայն թե իմ ոտը դուք այնպես շտկեցիք, որ մինչև իմ կյանքի վերջը տեղը չի ընկնի և ձեր բարի գործը ես երբեք չեմ մոռանա։ Այս արկածը իսկ որ ինձ համար չարաբաստիկ եղավ։
― Միշտ էլ մեր ուզածի պես դուրս չի գալիս, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ցավն այն է, սինյոր բակալավր, որ ձեր խելքին փչել է մեծ ճամփա ելնել գիշերը, ինչ֊որ փարաջաներով, վառ ջահերով, սգազդեցիկ, անհասկանալի մրթմրթոցով, ասես այն աշխարհից ելածներ լինեք։ Բնական է, որ ես չէի կարող չհարձակվել ձեզ վրա, իմ պարտականությունը կատարած լինելու համար։ Ես այդ կանեի, անգամ եթե դուրս գար, որ դուք ուղղակի սատանի հրոսակներ եք, ինչպես մինչև վերջին վայրկյանը դուք ինձ ներկայանում էիք։
― Երևի ճակատագիրս է եղել այդ, ― ասաց բակալավրը։ ― Սակայն, սինյոր թափառական ասպետ, քանի որ դուք ինձ այդպիսի դժբախտություն եք պատճառել, գոնե հիմա, խնդրում եմ, օգնեցեք, որ ջորու տակից դուրս գամ, որովհետև ասպանդակի մեջ մնացած ոտս ճզմել է փալանով։
― Ա՜յ խենթ, ― գոչեց դոն Կիխոտը, ― ինչո՞ւ ապա առաջ դուք ինձ այդ չասացիք։
Նա իսկույն կանչեց Սանչոյին։ Սակայն սա ստիպեց իրեն երկար սպասել, զբաղված լինելով մի ջորու բեռ քակելով, որ ամեն տեսակ ուտելիքներով շատ բեռնված լինելով, այս բարի մարդկանց հետևից էր գալիս։ Իր վերարկուն պարկ դարձնելով և մեջը դնելով այնքան բարիք, ինչքան կարողացավ վերցնել և մեջը տեղավորել, Սանչոն այդ ամենը գցեց էշի բեռը և միայն դրանից հետո եկավ իր տիրոջ կանչի վրա։ Նա օգնեց նրան սինյոր բակալավրին ջորու տակից հանելու և ապա, խեղճին փալանի վրա նստացնելով, ձեռքը տվեց ջահը, ապա թե դոն Կիխոտը նրան առաջարկեց, որ գնա հասնի իր ուղեկիցներին և հայտնի նրանց, որ ինքը ներողություն է խնդրում հասցրած ակամա վիրավորանքների համար, որ նա հարկադրված էր հասցնելու։ Իսկ Սանչոն դրան ավելացրեց․
― Եթե այդ սինյորները ցանկանալու լինեն իմանալ, թե ով է այն քաջարին, որ այնքան ճարպիկ նրանց հախիցը եկավ, ― ասացեք նրանց, ձերդ ողորմածություն, որ հռչակավոր դոն Կիխոտն է, Տխուր Պատկերի Ասպետ կոչեցյալը։
Երբ որ բակալավրը շարժվեց, դոն Կիխոտը հարցրեց Սանոյից, թե ինչո՞ւ նրա խելքին հանկարծ փչեց իրեն Տխուր Պատկերի Ասպետ անվանել։
― Իսկույն բացատրեմ ձեզ, ― պատասխանեց Սանչոն։ ― Ջահի լույսի տակ մի վայրկյան ձեզ տեսա թե չէ, այն ջահի, որ այն դժբախտը հիմա տանում է, իսկույն ինձ թվաց, որ ձեր տեսքը, ճիշտն ասած, այնքան թշվառ է, որքան առաջ երբեք ես չէի տեսել։ Երևի դա նրանից է, որ ձեզ սաստիկ հոգնեցրեց ճակատամարտը, գուցե և ատամների կորստից։
― Պատճառը բնավ այդ չէ, ― ասաց դոն Կիխոտը, ― այլ ամենից շուտ այն, որ այն իմաստությունը, որին վիճակված է գրելու իմ սխրագործությունների պատմությունը, երևի, հարմար է դատել, որ ես ինձ համար որևէ մականուն ընտրեմ, ինչպես անցած ժամանակների բոլոր ասպետները՝ մեկը կոչվելիս է եղել Բոցավառ Թրի Ասպետ, մյուսը՝ Միապոզ, սա՝ Կույսերի ասպետ, նա՝ Ֆյունիի կամ Թևավոր Արծվի կամ թե չէ Մահվան Ասպետ, և այդ անուններով նրանք հայտնի դարձան երկրագնդի վրա։ Այ, ես կարծում եմ, որ այդ իմաստունն է ներշնչել քեզ ինձ Տխուր Պատկերի Ասպետ կոչել։ Այսուհետև ես ընդունում եմ այդ անունը և, որպեսզի ընդմիշտ մնա, առաջին իսկ հնարավորության դեպքում կհրամայեմ, որ վահանիս վրա մի վշտալից դեմք նկարեն։
― Կարիք չկա դրա վրա ժամանակ ու փող ծախսելու, ― ասաց Սանչոն։ ― Բավական է, որ դուք բաց անեք ձեր երեսը և ցույց տաք բոլոր ցանկացողներին, և ամեն մեկը, առանց վահանի վրա որևէ նկարի, իսկույն ևեթ ձեզ Տխուր Պատկերի Ասպետ կկոչի, կարող եք վստահ լինել։ Հավատացնում եմ ձեզ, սինյոր, ― առակն անխոտելի է, ― քաղցն ու ջարդված ատամները այնպես են պճնել ձեր դեմքը, որ կրկնում եմ, դուք կարող եք միանգամայն առանց վշտատեսիլ նկարի յոլա գնալ։
Դոն Կիխոտը ժպտաց Սանչոյի այս սիրալիրության վրա, այնուամենայնիվ, վճռեց ընդունել նոր մականունն ու զարդարել տալ իր վահանը մտածած պատկերով։
― Թվում է ինձ, Սանչո, ― նկատեց դոն Կիխոտը, ― որ ես ենթակա եմ բանադրանքի նրա համար, որ քահանայի վրա ձեռք բարձրացրի՝ juxta illud: Su guis suadenie diabolo etc.,[94] թեև, ճիշտն ասած, ես նրա վրա ոչ թե ձեռքս, այլ այս նիզակը բարձրացրի։ Եվ բացի այդ, ես կարծում էի, որ հարձակվում եմ ոչ թե քահանաների և հոգևորականների վրա, որոնց ես սաստիկ պատվում ու հարգում եմ, որպես բարի կաթոլիկ, այլ ինչ֊որ հրեշների վրա, ա՛յն աշխարհից ելածների վրա։ Սակայն եթե իսկապես այդպես էլ լիներ, ապա ես շատ լավ հիշում եմ Սիդ Ռուի Դիասի դեպքը, երբ որ նա ջարդեց նորին սրբազանության պապի ներկայությամբ մի թագավորական դեսպանի աթոռը։ Պապը դրա համար բանադրեց նրան։ Այնուհանդերձ, փառապանծ Ռոդրիգո դե Վիլվարն այն օրը վարվեց որպես արժամավոր և ազնիվ ասպետ։
Լսելով այդ բակալավրը հեռացավ,[95] ինչպես մենք արդեն ասացինք, առանց մի խոսք ասելու, իսկ դոն Կիխոտը կամեցավ ստուգել, իրա՞վ, որ սայլի վրա մարդկային մարմին է դրած։ Սանչոն, սակայն, նրան հետ կասեցրեց։
― Սինյոր, ― ասաց նա, ― այս վտանգավոր արկածը ձերդ ողորմածության համար ավելի երջանիկ վախճան ունեցավ, քան բոլոր նախընթացները։ Բայց ձեր հաղթած և փախուստի ենթարկված մարդիկ կարող են թերևս, գլխի ընկնել, որ նրանց ընդամենը մի հատիկ մարդ է հաղթել։ Եվ հիմա, ամոթահար ու չար, նրանք դեռ ընդունակ կլինեն, գուցե վերադառնալու ու ձեր բուրդը գզելու։ Իմ էշը կանոնավոր վիճակում է, լեռները մոտ են, քաղցն իրեն զգալ է տալիս, ― ավելի լավ չէ՞ միթե արագ֊արագ հեռանանք այստեղից։ Մեռածին, ինչպես ասվում է, գերեզման, իսկ ապրողին՝ հաց։
Եվ բռնելով էշի սանձը՝ նա առաջարկեց իր տիրոջը հետևել իրեն և վերջինս, գիտակցելով, որ Սանչոն արդարացի է, ճամփա ընկավ առանց որևէ առարկության։ Երկու բլուր անցնելուց հետո, նրանք շուտով դուրս եկան մի ընդարձակ, ամեն կողմից փակ դաշտ, որտեղ երկուսով էլ իջան։ Սանչոն վերցրեց իր էշի բեռը, ապա թե, մեկնվելով կանաչ խոտի վրա, ասպետն ու զինակիրը՝ ի հաստատումն կանոնի, որ լավագույն խոհարարը քաղցն է, իսկույն նախաճաշեցին, ճաշեցին, ընթրեցին, լցնելով իրենց ստամոքսը բազմաթիվ սառը խորտիկներով, որ եկեղեցական սինյորները (հազվադեպ իրենց մասին մոռացող) տանում էին իրենց հետևից, ջորու վրա։ Սակայն այստեղ նոր դժբախտություն հանդես եկավ, վատթարագույնը Սանչոյի համար, այսինքն՝ նրանք ոչ միայն գինի, այլ անգամ ջուր չունեին, որ կոկորդները թրջեն։ Այստեղ ծարավից պապակվող Սանչոն, նկատելով, որ դաշտը ծածկված է կարճ, թարմ խոտով, ասաց, ― իսկ թե ինչ, մենք կիմանանք հետևյալ գլխից։
Գլուխ XX
Չտեսնված և չլսված սխրագործության մասին, որ և ոչ մեկ հռչակավոր ասպետ աշխարհիս երեսին դեռ չի կատարել նվազ վտանգով, իրեն համար, քան կատարեց արի դոն Կիխոտ Լամանչեցին
― Պարզ բան է, սինյոր, այս խոտը վկայում է, որ ոչ հեռու պետք է աղբյուր կամ վտակ լինի, որ ոռոգում է իր ջրով։ Ուստի մի քիչ հեռու անցնենք և մենք, անշուշտ, բախտ կունենանք հագեցնելու այս սարսափելի ծարավը, որ, ճիշտն ասած, ամեն բանից խիստ է տանջում։
Խորհուրդը դոն Կիխոտին դուր եկավ։ Նա բռնեց Ռոսինանտի սանձը, Սանչոն բռնեց էշի սանձը, նախապես բեռնելով նրա վրա ընթրիքի բոլոր մնացորդները և նրանք գնացին դաշտով կույրզկուրայն, որովհետև գիշերվա մութը խանգարում էր նրանց որևէ բան տեսնել։ Սակայն հազիվ էին նրանք երկու հարյուր քայլ անցել, որ նրանց ականջին հասավ վտակի աղմուկը, որ թափվում էր, կարծես թե, ահագին ու բարձր ժայռից։ Այդ աղմուկը նրանց սաստիկ ուրախացրեց։ Նրաք կանգ առան, որ ականջ դնեն, թե որտեղից է գալիս, բայց այստեղ նրանք լսեցին նոր դրմբոց, որը խանգարեց նրանց բավականությունը, մանավանդ Սանչոյինը, որ բնականից երկչոտ ու փոքրոգի էր։ Իրավ, նրանք ինչ֊որ հավասար հարվածներ լսեցին և կարծես թե եկաթի և շղթայի զնգզնգոց։ Այդ հնչյունները, միախառնվելով վտակի կատաղի դղրդյունին, ընդունակ էին ահ սաստել ամեն մեկի սրտին, բայց ոչ դոն Կիխոտի։ Ինչպես մենք արդեն ասացինք, գիշերը մութն էր, իսկ նրանք պատահաբար ծառերի տակով էին գնում, որոնց տերևները, օրորվելով քնքուշ քամուց, սոսափում էին կամացուկ ու ահասաստ։ Այդ ամենը միասին ― կտրված վայր, խավար, ջրի շառաչ, տերևների սոսափյուն ― ակամա ահ էին ներշնչում։ Սակայն նրանց սարսափն ավելի սաստկացավ, երբ որ նրանք համոզվեցին, որ հարվածները չեն դադարում, քամին չի թուլանում և լույսը դեռ չի բացվում։ Համ էլ նրանք չգիտեին, թե որտեղ են։ Բայց դոն Կիխոտը, մղված իր աննկուն խիզախությամբ, թռավ Ռոստինանտի վրա, բռնեց վահանը, ճոճեց նիզակը և ասաց Սանչոյին․
― Սանչո, բարեկամ, դու պետք է իմացած լինես, որ երկինքը հաճել է ինձ այս երկաթե դարում աշխարհ բերելու, որ ես ոսկե դարին, կամ թե ինչպես ոմանք արտահայտվում են, ոսկեջրած դարին հարություն տամ։ Ես այն մարդն եմ, որին վիճակված են վտանգներ, մեծամեծ գործեր և խիզախ սխրագործություններ։ Կրկնում եմ, ես այն մարդն եմ, որը պետք է հարություն տա Կլոր Սեղանի ասպետներին, Ֆրանսիայի տասներկու պերերին, Փառքի ինը այրերին, ինքն իրմով նսեմացնելով բոլոր Պլատիրներին, Տաբլանտներին, Օլիվանտներին, Տիրանտներին, Ֆեբերին և Բելյանիսներին և անցած ժամանակների հռչակավոր թափառական ասպետների գնդերին, որովհետև ես իմ կյանքում այնքան մեծ և զարմանալի մարտական սխրագործություն կկատարեմ, որ նրանց առջև կնսեմանան նրանց ամենափառավոր գործերը։ Նկատի՛ առ, իմ հավատարիմ և անձնվեր զինակիր, թե ի՜նչ մթամած է գիշերը, ի՜նչ անօրինակ է լռությունը, ի՜նչ խուլ ու անըմբռնելի են թոթովում տերևները, ի՜նչ ահասաստ է շաչում վտակը, որին որոնելու ելանք մենք և որը կասես թափվում ու գահավիժում է բարձրաբերձ Լուսի լեռներից։[96] Ինչպե՜ս են խոցում ու խոշտանգում մեր լսողությունը այս անդադրում հարվածները։ Բոլոր այս երևույթները միասին վերցրած և յուրաքանչյուրը՝ առանձին, կարող են երկյուղ, ահ ու սարսափ ազդել իրեն իսկ Մարսի սրտին, առավել ևս նրանց, ովքեր սովոր չեն նման հանդիպումներին և արկածներին։ Սակայն, բոլոր այս իմ նկարագրած սարսափները արթնացնում ու բորբոքում են իմ արիությունը, և իմ սիրտը պատրաստ է դուրս թռչելու կրծքիցս ― այնքա՜ն ծարավի եմ նետվելու այս արկածի մեջ, որքան էլ նա դժվարին ներկայանա։ Ուստի մի քիչ ամրացրու Ռոսինանտի փորկապը և թող Աստված պահի քեզ։ Սպասի՛ր ինձ այստեղ երեք օր, ոչ ավել, և եթե այդ ժամկետում ես չվերադառնամ, դու կարող ես վերադառնալ գյուղ, իսկ անտեղից, իմ խաթեր համար, գնա Տոբոսո և հայտնիր իմ աննման տիրուհի Դուլսինեային, որ նրա գերի֊ասպետը կործանվեց, կամենալով սխրագործություն կատարել, որ իրեն արժանի դարձներ կոչվելու նրա ծառան։
Լսելով իր տիրոջ այս խոսքերը՝ Սանչոն այնպես զգացվեց, որ սկսեց լաց լինել և ասաց․
― Չեմ հասկանում, սինյոր, թե ձեր խելքին ինչո՞ւ է փչել այս սարսափելի արկածի մեջ ընկնելը։ Հիմա գիշեր է, մեզ այստեղ ոչ ոք չի տեսնում և մենք շատ լավ կարող ենք մի կողմ ծռել և խուսափել վտանգից, անգամ եթե երեք օր էլ խմելու բան չունենանք։ Եվ քանի որ ոչ ոք այդ չի տեսնում, ոչ ոք մեզ վախկոտ չի համարի, մանավանդ որ մեր գյուղական քահանան, որին ձերդ ողորմածությունը շատ լավ ճանաչում է, քանիցս, հիշում եմ, իր քարոզներում ասում էր՝ ով որ խցկվում է վտանգի մեջ, նա վտանգի՛ց էլ կմեռնի։ Ուստի պետք չէ փորձել Աստծուն, նետվելով անխոհեմ ձեռնարկությունների մեջ, որտեղից հրաշքով միայն կարելի է սաղ դուրս պրծնել։ Բավական է, որ երկինքը ձերդ ողորմածությանը փրկեց վերմակի վրա վեր֊վեր թռցնելուց, որին ես ենթարկվեցի և թույլ տվեց, որ հաղթական, ողջ և առողջ դուրս գաք ննջեցյալին ուղեկցող թշնամիների խմբից։ Եթե այս ամենը չի շարժում ու մեղմացնում ձեր խիստ սիրտը, ապա թող շարժի ահա թե ինչը՝ իմացած եղեք և հավատացած, որ հազիվ ինձ դուք այստեղ թողնեք, ապա ես ահից հոգիս կտամ հենց առաջին իսկ մարդուն, ով որ խնդրի։ Ես թողել եմ ծննդավայրս, կնոջս ու երեխաներիս, որպեսզի ծառայեմ ձերդ ողորմածությանը, հուսալով, որ այդ գործում ես չեմ կորցնի, այլ կշահեմ։ Բայց, ինչպես ասվում է, ագահությունը պատռում է պարկը։ Ագահությունը կործանեց բոլոր իմ հույսերը այն իսկ վայրկյանին, երբ ես առանձնապես հույս ունեի ստանալու անիծյալ, չարաբաստիկ կղզին, որ ձերդ ողորմածությունը քանիցս ինձ խոստացել է, իսկ դուք, դրա փոխարեն, ուզում եք ինձ լքել մարդկային բնակավայրից այսքան հեռավոր մի տեղում։ Աստծու սիրուն, տեր իմ, ինձ այդպիսի ցավ միք հասցնի։ Եվ եթե ձերդ ողորմածությունը համաձայն չէ բոլորովին հրաժարվելու այդ ձեռնարկությունից, ապա հետաձգեցեք գոնե մինչև առավոտ։ Ախր, եթե միայն գիտությունը, որ ես ուսումնասիրել եմ հովիվ եղածս ժամանակ, ինձ չի խաբում, ապա մինչև լուսաբաց մնացել է ոչ ավել, քան երեք ժամ, որովհետև Փոքր Արջի բերանը շիտակ մեր գլխի վերև է, իսկ նրա ձախ թաթի գծից երևում է, որ հիմա կեսգիշեր է։
― Ինչպե՞ս կարող ես դու, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը, ― տեսնել, թե որտեղից է անցկենում այդ գիծը և որտեղ է բերանը կամ ծոծրակը, որոնց մասին դու դատում ես։ Չէ՞ որ գիշերն այնքան խավար է, որ երկնքում ոչ մի աստղ չի երևում։
― Այդ մեկը ճիշտ է, ― պատասխանեց Սանչոն, ― բայց երկյուղը շատ աչք ունի և տեսնում է այն, ինչ հողի տակ է և առավել ևս այն, ինչ երկնքի վրա է։ Ասենք, առողջ դատելով, առանց այն էլ պարզ է, որ լուսաբացը հեռու չէ։
― Լույսը թող բացվի, երբ որ քեֆը տա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն թե իմ մասին ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում ոչ ոք չասի, թե մեկն ու մեկի արցունքն ու աղերսանքը ինձ հետ պահեցին իմ ասպետական պարտքը կատարելուց։ Ուստի խնդրում եմ քեզնից, Սանչո, լռի՛ր։ Տերը, որ դրել է իմ սրտում այս չտեսնված և ահավոր արկածի մեջ ընկնելու ցանկությունը, կհոգա իմ ողջության մասին և կմխիթարի քո վիշտը։ Քեզնից միայն պահանջվում է, որ դու Ռոսինանտի փորկապը քաշես և ինձ այստեղ սպասես։ Իսկ ես շուտով կվերադառնամ ― կենդանի թե մեռած։
Տեսնելով, որ տիրոջ վճիռն անդրդվելի է, և որ իր բոլոր արցունքները, խորհուրդներն ու աղերսանքն անզոր են, Սանչոն որոշեց խորամանկություն բանեցնել և աշխատել նրան մի կերպ ուշացնել մինչև առավոտ։ Ուստի Ռոսինանտի փորկապերը պնդացնելուց նա ճարպիկ ու աննկատ կերպով էշի սանձով կապեց նրա հետի ոտները, այնպես որ երբ դոն Կիխոտը հեծավ ձին, չկարողացավ տեղից շարժվել։ Համոզվելով, որ իր հնարագիտությունը գլուխ եկավ, Սանչո Պանսան ասաց․
― Դե, տեսնո՞ւմ եք, սինյոր, երկինքը իմ արցունքներն ու աղերսանքները տեսնելով, ինձ խղճաց և այնպես արեց, որ Ռոսինանտը չի կարողանում շարժվել։ Եթե դուք համառեք, խթանեք ու խփեք նրան, դրանով դուք բախտին մարտի կոչ արած կլինեք և, ինչպես ասում են, սմբակով քացի կտաք մեխին։
Դոն Կիխոտը հուսակտուր էր լինում՝ ինչքան շատ էր խթանում ձիուն, այնքան քիչ էր հաջողվում նրան տեղից շարժել։ Գլխի չընկնելով, որ Ռոսինանտի ոտները կարող են կապած լինել, նա որոշեց հաշտվել և սպասել կամ լուսաբացին, կամ այն վայրկյանին, երբ իր ձին ճամփա ընկնի։ Հաստատ համոզված լինելով, որ այս անհաջողությունն առաջ է եկել ուրիշ պատճառով և ոչ երբեք Սանչոյի խորամանկությունից, նա ասաց․
― Էհ, ի՜նչ արած, Սանչո։ Քանի որ Ռոսինանտը չի կարող շարժվել, հարկադրված եմ սպասել, մինչև որ երկնքում խնդա արշալույսը, թեև ես ողբում եմ նրա գալստյան դանդաղկոտությունը։
― Ողբալու կարիք չկա, ― պատասխանեց Սանչոն, ― ես կզբաղեցնեմ ձերդ ողորմածությանը և մինչև առավոտ ձեզ ամեն տեսակ պատմություններ կանեմ, եթե միայն դուք չեք կամենում ձիուց իջնել և մի քիչ նիրհել կանաչ խոտի վրա ըստ թափառական ասպետների սովորության, որպեսզի, երբ որ հասնի գալիք աննման արկածի օրն ու ժամը, դուք ավելի աշխույժ զգաք ձեզ։
― Ո՞ւմ ես առաջարկում ձիուց իջնել և ննջել, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե դու կարծում ես, որ ես այն ասպետների թվին եմ պատկանում, որոնք հանգստանում են վտանգի պահին։ Ինքդ քնիր, ― դու հենց քնելու համար էլ ծնված ես, կամ թե արա, ինչ որ խելքիդ փչի, իսկ ես կանեմ այն, ինչ որ, իմ կարծիքով, ավելի վայել է իմ կոչմանը։
― Մի՛ք բարկանա, ձերդ ողորմածություն, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― ես այդ հենց այնպես, խոսք֊օրինակ ասացի։
Եվ մոտենալով իր տիրոջը, նա մի ձեռքը դրեց թամքի առջևի գլխին, մյուսը՝ հետևի և սղմվեց դոն Կիխոտի ձախ ազդրին, վախենալով անգամ մի թիզ հեռանալ նրանից ― այդքան ահաբեկել էին նրան համաչափ հարվածները, որոնց ձայնն անընդհատ հասնում էր նրանց։ Դոն Կիխոտը խնդրեց, որ նա կատարի իր խոստումը և զբաղեցնելու համար պատմի իրեն որևէ պատմություն։ Սանչո Պանսան դրան պատասխանեց, որ սիրով կաներ այդ, եթե այն դղրդողը նրան չվախեցներ։
― Բայց էլի՛ կաշխատեմ ձեզ համար մի պատմություն անել, եթե միայն ինձ հաջողվի ավարտել և ոչ ոք ինձ չխանգարի, դուք կտեսնեք, որ ավելի լավ պատմություն աշխարհիս երեսին չի լինի։ Ուշադրությամբ ականջ դրեք, ձերդ ողորմածություն, ես սկսում եմ։ Դե, եղածը եղել է։ Թե լավ բան պատահի, թող բարին բոլորինը լինի, թե չար բան՝ ապա նրան, որ ինքը չարն է որոնում։[97] Եվ նկատեցեք, ձերդ ողորմածություն, տեր իմ, որ հին մարդիկ իրենց հեքիաթներում չէին սկսում ոնց որ լինի, այլ անպատճառ հռովմայեցի Կատոն Ցոնցորինի ասությամբ, թե «իսկ չարը նրան, ով ինքը չարն է որոնում»։ Այս խոսքերը մեզ հարմար են գալիս, ոնց որ մատանին՝ մատին։ Ի՜նչ կլիներ, ձերդ ողորմածությունը հանգիստ նստեր և չթափառեր չարի որոնումներում։ Ավելի լավ չէ՞ր լինի մենք ուրիշ ճամփով վերադառնայինք, քանի որ մեզ ոչ ոք չի հարկադրում հենց այս ճանապարհով գնալ, որտեղ ամեն կողմից մեզ վրա ամեն տեսակ սարսափներ են խուժում։
― Շարունակիր քո պատմությունը, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― իսկ թե ինչ ճամփով կերթանք մենք ― այդ թող ինձ։
― Շարունակում եմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Էստրամադուրայի մի շենում այծերի մի հովիվ էր ապրում, այլ կերպ ասած՝ այծարած և այդ այծարածի կամ այծերի հովվի անունը, ինչպես իմ պատմությունը պատմում է, Լոպե Ռուիս էր և այդ իսկ Լոպե Ռուիսը սիրահարված էր մի հովվուհու, որի անունը Տորրալբա էր և այդ Տորրալբա անունով հովվուհին մի հարուստ անասնապահի աղջիկ էր, իսկ այդ հարուստ անասնապահը․․․
― Եթե դու քո պատմությունն այդ ձևով անելու լինես, Սանչո, ― ընդհատեց դոն Կիխոտը, ― և ամեն խոսք երկու անգամ կրկնես, ապա դու երկու օրում էլ չես ավարտի։ Պատմիր կապակցված և կարգին, խելացի մարդու նման, թե չէ՝ լռի՛ր։
― Ախր ես ճիշտ և ճիշտ այնպես եմ պատմում, ― պատասխանեց Սանչոն, ― ինչպես այդ հեքիաթները պատմում են մեր գյուղում։ Այլ կերպ պատմել ես չգիտեմ, ասենք՝ ձերդ ողորմածությունը չպետք է պահանջի, որ ես նոր սովորություններ մուծեմ։
― Դե, գիտցածիդ պե՛ս պատմիր, ― ասաց դոն Կիխոտը, ― և շարունակիր, քանի որ ինձ վիճակված է քեզ լսել։
― Ահա, իմ թանկագին սինյոր, ― շարունակեց Սանչոն, ― այդ հովիվը, ինչպես ես արդեն ձեզ զեկուցեցի, սիրահարված էր Տորրալբա հովվուհուն։ Սա էլ հաստլիկ աղջիկ էր, ըմբոստ ու մի քիչ տղամարդու նման, որովհետև բեղեր էին դուրս եկել ― հիմա էլ ոնց որ առջևս կանգնած լինի։
― Մի՞թե դու նրան ճանաչելիս ես եղել, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ասենք՝ ես նրան ճանաչելիս չեմ եղել, ― պատասխանեց Սանչոն, ― բայց ինձ այս պատմությունն անող մարդը հավատացնում էր, որ այս ամենը եղելություն է և զուտ ճշմարտություն, և որ եթե ես մեկն ու մեկին այս պատմությունն անելու լինեմ, ապա կարող եմ ազատ կերպով հավատացնել և երդվել, որ ինքս եմ ամեն ինչ տեսել սեփական աչքերով։ Ահա, ժամանակն անցնում էր, հա՛ անցնում, իսկ սատանան, որ, ինչպես հայտնի է, չի նիրհում և ամենուրեք մուռտառում է, այնպես սարքեց, որ հովվի սերը շուռ եկավ, ամեհի չարություն և ատելություն դառավ։ Չար լեզուներն ասում էին, թե դա այն պատճառով է պատահել, որ աղջիկը տղին խանդի տեղիք էր տալիս, հաճախ չափը չիմանալով և թույլատրվածի սահմաններն անցնելով։ Եվ այդ պահից հովիվը նրան այնքան ատեց, որ որոշեց թողնել գյուղը, որ աչքը չտեսնի նրան և հեռանալ այնպիսի կողմեր, որտեղ նրա հետքն էլ չի լինի։ Իսկ Տորրալբան հենց որ նկատեց, որ նա զզվում է իրենից, այնպես սիրահարվեց նրան, ինչպես առաջ երբեք նրան չէր սիրել։
― Այդպես է կանանց բնածին հատկությունը, ― ասաց դոն Կիխոտը, ― մերժել նրանց, ովքեր նրանց սիրում են և սիրել նրանց, ովքեր նրանց ատում են։ Շարունակի՛ր Սանչո։
― Այնպես եղավ, որ հովիվն իր վճիռը կենսագործեց և, առնելով իր այծերին, գնաց Էստրամադուրայի դաշտերը, Փորթուգալական թագավորության կողմերը։ Իմանալով այդ՝ Տորրալբան գնաց նրա հետևից և երկար այդպես ոտով գնաց՝ բոպիկ, ցուպը ձեռքին, մաղախը ուսին։ Իսկ նրա մաղախի մեջ, ինչպես ասում էին, հայելու մի կտոր կար, սանրի կտոր և մի սրվակ ինչ֊որ դեղ, ասենք, այդ կարևոր չէ, թե ինչ է եղել մեջը ― ես հիմա բնավ մտադիր չեմ ստուգելու, ― միայն այն կասեմ, որ ինչպես պատմում են, մեր հովիվը իր հոտի հետ մոտեցավ Գվադիանա գետին, իսկ այն պահին գետը վարար է եղել և ջուրը դուրս է եկել ափերից և այն տեղում, որտեղ հասել էր հովիվը, ոչ նավակ կար, ոչ լաստ և մարդ չկար, որ գետն անցկացներ իրեն ու իր հոտը։ Այդ բանը նրան շատ վշտացրեց, որովհետև նա տեսել էր, որ Տարրալբան արդեն մոտենալու վրա է և իսկույն կսկսի նրա զահլեն տանել իր աղերսներով ու արցունքներով։ Սկսեց նա դես֊դեն նայել և վերջապես մի ձկնորս տեսավ այնքան փոքրիկ մի նավակում, որ մեջը միայն մի մարդ կարող էր տեղավորվել և մի այծ։ Բայց ի՜նչ արած։ Նա խոսեց ձկնորսի հետ և պայմանավորվեց, որ նա կփոխադրի և՛ իրեն, և՛ իր երեք հարյուր այծերին։ Ձկնորսը նստեց նավակը և փոխադրեց մեկ այծ, ապա վերադարձավ և փոխադրեց երկորդը, հետո դարձյալ վերադարձավ և փոխադրեց երրորդը․․․ Մի լավ համարեցեք, ձերդ ողորմածություն, քանի այծ նա փոխադրեց մյուս ափը, որովհետև եթե դուք մել այծ ավելի կամ պակաս համարեք, իմ պատմությունը հենց այստեղ էլ կվերջանա, և ես այլևս չեմ կարողանա մի բառ անգամ ավելացնել։ Դե, ես շարունակում եմ՝ դիմացի ափը ճահճոտ էր և սկլուն, այնպես որ ամեն փոխադրության համար ձկնորսը շատ ժամանակ էր կորցնում։ Այնուհանդերձ, նա մի այծ էր փոխադրեց, հետո էլի մեկը և մեկն է՛լ․․․
― Միանգամից ասա, որ նա բոլորն էլ փոխադրեց, ― ասաց դոն Կիխոտը, ― և բավական է մեկ ափից մյուսը գնաս֊գաս, թե չէ ա՛յդ եղանակով մի ամբողջ տարի դու նրանց չես փոխադրի։
― Իսկ մինչև հիմա քանի՞սն են փոխադրված, ― հարցրեց Սանչոն։
― Սատանան գիտե, ― ասաց դոն Կիխոտը։
― Ինչ որ ասում էի, այն էլ դուրս եկավ,՝ ահա՛, դուք հաշիվը կորցրիք։ Աստված վկա, այստեղ իմ պատմությունն ավարտված է, և շարունակություն չի լինի։
― Ինչպե՞ս հնարավոր է այդ, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե քո պատմության համար այնքան կարևոր է ճշգրիտ իմանալ, թե քանի այծ է եղել փոխադրված և մի՞թե հաշիվ անելիս եթե մեկ այծ բաց թողնելու լինես, դու այլևս չես կարող շարունակել։
― Չէ, սինյոր, ոչ մի կերպ, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև այդ վայրկյանին, որ ես խնդրեցի ձերդ ողորմածությունից ինձ ասել, թե քանի այծ է փոխադրված եղել, իսկ դուք ինձ պատասխանեցիք, թե չգիտեք, իսկույն ևեթ իմ հիշողությունից դուրս թռավ այն ամենը, ինչ որ դեռևս մնացել էր ձեզ պատմեմ, ― իսկ, Աստված վկա, շարունակությունը շատ հետաքրքրական և զվարճալի էր։
― Ասել է թե, ― հարցրեց դոն Կիխոտը, ― քո պատմությունը հասավ իր վախճանի՞ն։
― Այո՛, վախճանվեց, ինչպես իմ հանգուցյալ մայրը, ― պատասխանեց Սանչոն։
― Ճիշտն ասեմ քեզ, ― շարունակեց դոն Կիխոտը, ― դու ինձ ամենաարտասովոր հեքիաթներից, վեպերից կամ պատմություններից մեկը պատմեցիր, որ երբևիցե հնարված են եղել աշխարհիս երեսին, և ոչ ոք իր կյանքում չի լսի և չի կարողանա լսել մի վեպ որ այդպես սկսվի և ընդհատվի։ Ասենք՝ ես ուրիշ բան չէի էլ սպասում քո նուրբ խելքից և բնավ չեմ զարմանում՝ երևի թե այդ անդադրում հարվածները մթագնել են քո բանականությունը։
― Ամեն ինչ կարող է պատահել, ― պատասխանեց Սանչոն։ ― Գիտեմ միայն, որ պատմության վերջը հասավ, որովհետև նա միշտ վերջանում է, հենց որ մեկնումեկը սխալվում է փոխադրված այծերի հաշվում։
― Էհ, թող վերջանա, բարին հետը, ― ասաց դոն Կիխոտը, ― իսկ հիմա տեսնենք, կհամաձայնի՞ Ռոսինանտը տեղից շարժվել։
Նա նորից սկսեց խթանել ձիուն, բայց ձին միայն քացի էր տալիս, առանց տեղից շարժվելու՝ այնպես ամուր էին փաթաթված նրա ոտները։
Այստեղ պատահեց հետևյալը՝ նրանի՞ց էր արդյոք, որ Սանչոյի վրա ազդել էր վաղորդյան քամին, թե՞ նրանից, որ նա նախապես փոր լուծող բան էր կերել, կամ թե, վերջապես, նա պարզապես բնական պահանջ զգաց (մի բան, որ թերևս, ամենից ճիշտն է), միայն թե հանկարծակի նա բռնվեց սաստիկ ցանկությամբ անելու այն, ինչ որ նրա փոխարեն ոչ ոք չի կարող անել։ Սակայն նրա սիրտը այնպիսի մեծ երկյուղ էր պատել, որ նա չխիզախեց մի թիզ անգամ հեռանալ իր տիրոջից։ Մյուս կողմից՝ իր ցանկությունը չբավարարելու մասին մտածելն անգամ անկարելի էր։ Եվ ահա թե նա ինչպես դուրս եկավ այդ դժվարությունից։ Նա բաց թողեց աջ ձեռքը, որով բռնել էր թամքի հետևի գլուխը, կամացուկ, անշշուկ արձակեց իր վարտիքի թելը, որից հետո վարտիքն իսկույն վայր իջավ մինչև ոտների կրունկները, ապա նա հնարավոր զգուշությամբ բարձրացրեց շապիկը և դուրս ցցեց օդի մեջ իր երկու կիսանդրիները, որ փոքրիկ ծավալ չունեին։ Երբ որ այդ ամենը կատարված էր և Սանչոյին թվում էր, որ գլխավոր դժվարությունը հաղթահարված է և որ նա գրեթե դուրս է պրծել իր ծանր ու տանջալի դրությունից, մի նոր դժվարություն, ավելի վատթարը, երևան եկավ․ նա երկյուղ կրեց, որ միգուցե չաջողի իր գործն անել առանց աղմուկի և տրաքոցի, ուստի ատամները պինդ սղմեց իրար, գլուխը խրեց ուսերի մեջ և բոլոր ոժով աշխատում էր շունչը պահել։ Սակայն չնայած այդ ջանքերին, նրա բախտը չբերեց և վերջանալու վրա նա մի թեթև ձայն հանեց, որ բնավ նման չէր այն հնչյուններին, որ նրան այդքան սարսափեցնում էին։ Այն լսելով, դոն Կիխոտը հարցրեց․
― Այդ ի՞նչ հնչյուն էր, Սանչո։
― Չգիտեմ, սինյոր, ― պատասխանեց նա։ Երևի դա էլ նոր բան է, ախր, արկածներն ու չարաբախտությունները բոլորը միասին են գալիս։
Ապա նա նորից վճռեց փորձել իր բախտը և ամեն ինչ այնպես հաջող վերջացավ, որ նա անաղմուկ և առանց նոր տագնապների վերջապես ազատվեց նրան այնքան կեղեքող ծանրությունից։ Սակայն դոն Կիխոտի հոտառությունը պակաս չէր զարգացած, քան լսողությունը, իսկ Սանչոն հենց նրա կողքին էր կանգնած, ասես կարած լիներ նրա կողին, այնպես որ գոլորշին բարձրանում էր ուղիղ գծով համարյա մեր ասպետի վրա։ Ուստի չէր կարող պատահել, որ դոն Կիխոտի քթին բան չհասներ, որը, հոտը առնելով, շտապեց պաշտպանվել, մատներով բռնելով քիթը և մի քիչ քթի միջով ասաց Սանչոյին․
― Թվում է, ինձ, Սանչո, որ դու սաստիկ վախեցել ես։
― Որ վախեցել եմ՝ դա ճիշտ է, ― պատասխանեց Սանչոն, ― միայն թե ինչո՞ւ է ձերդ ողորմածությունը հիմա նկատում այդ և ոչ առաջ։
― Որովհետև դեռ երբեք քեզնից այսքան ուժեղ հոտ չի եկել, ինչպես հիմա, այն էլ ոչ անուշ հոտ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Դա միանգամայն հնարավոր է, ― ասաց Սանչոն, ― Միայն թե մեղքը իմը չէ, այլ ձերդ ողորմածությանը, ինչո՞ւ եք ինձ տարաժամ և ոչ բանուկ ճամփաներով քարշ տալիս։
― Ապա, բարեկամ, մի կողմ քաշվիր, երեք կամ չորս քայլ հեռու, ― ասաց դոն Կիխոտը, շարունակելով քիթը մատներով բռնած պահել, ― և այսուհետև քեզ հավաք պահիր և մի մոռանա, որ դու պիտի հարգանքով վերաբերվես ինձ։ Ես չափազանց ազատ եմ հետդ խոսում, և դա հրում է քեզ դեպի անպարկեշտություն։
― Գրազ կգամ, ― բացականչեց Սանչոն, ― որ ձերդ ողորմածություը կարծում է, թե ես մի բան եմ արել, որ չի կարելի։
― Ավելի լավ է ձեռք չտալ այն, ինչ որ դու արել ես, Սանչո բարեկամ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Այս և նման զրույցներով տերն ու ծառան գիշերը անց կացրին։ Եվ երբ որ Սանչոն տեսավ, թե ուր որ է՝ օրը կծագի, նա թաքուն արձակեց Ռոսինանտի ոտները և կապեց իր վարտիքը։ Թեև Ռոսինանտը բնականից երբեք տաք ձի չի եղել, բայց հիմա, իրեն ազատ զգալով, նա, ասես, ուրախացավ և գլուխը թափ տվեց։ Ցատկելը նա չէր ցատկում, որովհետև, թող վիրավորական չլինի նրա համար ասել, չէր կարողանում։ Իսկ դոն Կիխոտը, տեսնելով, որ ձին շարժվեց, բարի նշան համարեց այդ և վճռեց, որ այդ նշանը կոչում է նրան ահավոր սխրագործություն կատարելու։ Մինչ այս, մինչ այն, լույսը բացվեց, և երբ որ շուրջը ամեն ինչ պարզ տեսանելի դառավ, դոն Կիխոտը համոզվեց, որ գտնվում է շագանակի բարձր ծառերի տակ, որոնք թանձր ստվեր են գցում։ Նա լսում էր, որ հարվածները տակավին չեն դադարում, բայց թե որտեղի՞ց են գալիս ― չէր երևում։ Այդ պատճառով, այլևս առանց հապաղելու, նա խթանեց Ռոսինանտի կողերը և երկրորդ անգամ հրաժեշտ տալով Սանչոյին, ինչպես և առաջին անգամը, հրամայեց, որ իրեն ամենաշատը երեք օր սպասի։ Իսկ եթե երեք օրից ինքը վերադառնալու չլինի, ապա դա պետք է նշանակի, որ Աստված հաճել է խլել նրա օրերը այս վտանգավոր արկածում։ Ապա նա կրկնեց Սանչոյին, որ նա պետք է զեկուցի իր անունից տեղեկացնի տիրուհի Դուլսինեային և խնդրեց, որ նա անհանգիստ չլինի իր աշխատանքի վարձի համար, որովհետև տնից դուրս գալուց առաջ ինքը կազմել է իր կտակը, որի համաձայն Սանչոյի ռոճիկը լրիվ կվճարվի նրա ծառայության ամբողջ ժամանակի համար։ Իսկ եթե նրա տերը այս վտանգներից ողջ և առողջ դուրս գա, Սանչոն կարող է իրեն խոստացված կղզու ստացումը միանգամայն ապահով համարել։ Կրկին լսելով իր բարի տիրոջ խճալի խոսակցությունները, Սանչոն կրկին անգամ լաց եղավ և վճռեց նրան չլքել մինչև վերջ, մինչև նրա ձեռնարկի ավարտումը։ (Այս արցունքներից և Սանչո Պանսայի այնքան մեծահոգի վճռից այս պատմության հեղինակը հետևցնում է, որ նա ստոր ծագում չի ունեցել և որ համենայն դեպս հին քրիստոնեական տոհմի է պատկանելիս եղել)։
Սանչոյի համակրանքը շարժեց նրա սիրտը, բայց ոչ այն աստիճան, որ հարկադրեր նրան հայտնաբերել հոգու որևէ թուլություն։ Ընդհակառակը, նա ճիգ արեց, որ իր հոգեվիճակը թաքցնի և այն կողմը դիմեց, որտեղից, ինչպես նրան թվում էր, հարվածների ձայներն ու վտակի շրխկոցն էին գալիս։ Սանչոն հետևում էր նրան ոտով, ըստ սովորականին, հետևից քաշելով իր էշին ― այդ հավերժական ուղեկցին բախտի թե դժբախտության պահին։ Շագանակի և այլ սաղարթախիտ ծառերի ստվերի միջով բավական տարածություն անցնելուց հետո նրանք մի փոքրիկ դաշտ դուրս եկան, որ փռվել էր բարձր ժայռերի տակ, որոնց գագաթից գահավիժում էր ահագին մի ջրվեժ։ Այդ ժայռերի տակ մի քանի աղքատիկ տնակներ էին պատսպարվել, որոնք ոչ այնքան տան էին նմանում, որքան ինչ֊որ շենքերի փլատակների, և հիմա պարզ դարձավ, որ աղմուկն ու դղրդոցը տակավին չդադարող հարվածների, հենց այն տեղից են դուրս գալիս։ Ռոսինանտը վախեցավ ջրվեժի շաչյունից և հարվածներից, բայց դոն Կիխոտը, նրան հանգստացնելով, կամաց֊կամաց մոտեցավ տնակներին, ի բոլոր սրտե իրեն պահ տալով իր տիրուհուն, աղերսելով նրա պաշտպանությունը այս ահավոր ձեռնարկում, միաժամանակ խնդրելով տեր Աստծուց, որ իրեն չմոռանա։ Սանչոն նրանից հետ չմնաց։ Նա բոլոր ուժերով ձգում էր պարանոցը և Ռոսինանտի ոտների արանքից աչք ածում, հուսով, որ վերջապես կտեսնի այն, ինչ իրեն այնքան ահ ու տագնապ էր ազդել։ Նրանք անցան մոտ հարյուր քայլ, շրջեցին ժայռի դուրս ցցված կողը և այստեղ բացեիբաց նրանց աչքերին բացվեց ահասաստ և սարսափելի աղմուկի պատճառը, որ ողջ գիշերը նրանց ահ ու տագնապի մեջ էր պահել։ Դա ոչ այլ ինչ էր (մի՛ բարկանար ու նեղանար, ընթերցող), բայց եթե մահուդ գործող մուրճեր, որ իրենց փոխեփոխ հարվածներով այդպիսի դղրդյուն էին հանում։
Տեսնելով այդ բանը, դոն Կիխոտը գլխից մինչև կրունկները փետացավ ու քարացավ։ Սանչոն աչքը գցեց նրա վրա և տեսավ, որ իր տերը գլուխը կախ էր արել և ծայր աստիճան շփոթված տեսք ունի։ Իսկ դոն Կիխոտն, իր հերթին, նայեց Սանչոյին և տեսավ, որ նա ուռցրել է իր թշերը, որ նա խեղդվում է ծիծաղից և որ ըստ երևույթին նա քիչ է մնում ծիծաղից տրաքի։ Ինչքան էլ ուժգին էր նրա տրտմությունը, բայց տեսնելով Սանչոյին նա խնդաց։ Իսկ Սանչոն, հենց որ տեսավ, որ իր տերը խնդում է, այնպես ծիծաղեց, որ ստիպված էր կողերը հուպ տալ բռունցնքերով, որ ծիծաղից երկու կտոր չդառնա։ Մի չորս անգամ նա հանգստացավ և դարձյալ ծիծաղը բռնեց ոչ պակաս թափով, այնպես որ դոն Կիխոտը պատրաստ էր ինքն իրեն բոլոր սատանաների մոտ ուղարկել։ Սակայն ավելի սաստիկ բարկացավ նա, երբ որ Սանչոն սկսեց ծաղրել։
― Դու պետք է իմացած լինես, Սանչո բարեկամ, որ երկինքը հաճել է ինձ աշխարհ բերել մեր այս երկաթե դարում, որպեսզի ես հարություն տամ ոսկեջրած կամ ոսկե դարին։ Ես այն մարդն եմ, որին վիճակված են մեծամեծ գործեր և խիզախ սխրագործություններ։
Եվ, շարունակելով այս եղանակով, դոն Կիխոտը կրկնեց Սանչոյին գրեթե իր ողջ ճառը, որ արտասանեց առաջին անգամ լսելով այս սարսափելի հարվածները։ Տեսնելով, որ Սանչոն չարախնդաց է լինում, դոն Կիխոտը նեղացավ և այնպես բարկացավ, որ բարձրացրեց իր նիզակը և մի երկու անգամ խփեց խեղճի մեջքին։ Եթե այս հարվածները Սանչոյի մեջքին դիպած չլինեին, այլ գլխին, դոն Կիխոտը կարող էր այլևս նեղություն չկրել նրան ռոճիկ տալու, եթե միայն չցանկանար վճարելու նրա ժառանգներին։ Սակայն Սանչոն, նկատելով, որ իր կատակները լավ հետևանք չեն ունենում և վախենալով, որ իր տերը կարող է դեռ շարունակել ծեծը, մեծ խոնարհությամբ ասաց․
― Հանգստացեք, ձերդ ողորմածություն։ Երդվում եմ Աստուծով, որ ես հանաք արի։
― Դրա համար էլ ես կատակ չեմ անում, որ դուք հանաք եք անում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ապա մոտ եկեք, սինյոր հանաքչի։ Եթե մահուդ գործելու մուրճերի փոխարեն մեր առջև ուրիշ վտանգավոր արկած լիներ, մի՞թե ձեզ թվում է, որ ես բավականաչափ արիություն չէի հայտնաբերի, որպեսզի սկսեի և ավարտեի այդ գործը։ Մի՞թե ես՝ ասպետս, պարտավոր եմ զանազանել հնչյունները և և որոշել՝ մահուդ գործելու մուրճեր են, թե այլ բան։ Մանավանդ որ, ճիշտն ասած, ես իմ օրում այդ մուրճերը տեսած չկամ, մինչդեռ դուք, անարգ տղամարդ, ծնվել և մեծացել եք այդպիսի առարկաների մեջ։ Ոչ, դուք ավելի լավ է այնպես անեք, որպեսզի այդ վեց մուրճը վեց հսկա դառանան և որպեսզի նրանք հերթով, կամ բոլորը միասին, վրա տան ինձ վրա։ Եթե նրանք գլխիվայր օդը չցնդեն, ապա ծաղրեցեք ինձ, որքան կամենաք։
― Լա՜վ, սինյոր իմ, ― ասաց Սանչոն, ― խոստովանում եմ, որ կամենալով կատակել, ես չափն անցա։ Էհ, հիմա մենք հաշտվենք, (և տա Աստված, որ բոլոր գալիք արկածներից դուք նույնքան ողջ ու առողջ դուրս գաք, ինչպես հիմա, ասացեք ինձ, ձերդ ողորմածություն՝ մի՞թե ծիծաղելի չէ, և մի՞թե չարժե, որ հետո մենք պատմենք, թե ի՜նչ սաստիկ մենք վախեցանք։ Առնվազն, ինչպես վախեցա ես․ գալով ձերդ ողորմածությանը, ապա չէ՞ որ ինձ հայտնի է, որ դուք չգիտեք և չեք ըմբռնում, թե ահը ինչ բան է։
― Ես բնավ չեմ ժխտում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ մեզ պատահածը արժանի է ծիծաղի, սակայն պատմել ― բնավ պետք չէ, որովհետև բոլոր մարդիկ բավականաչափ խելացի չեն, որ բանը ճիշտ հասկանան։
― Համենայն դեպս, ― պատասխանեց Սանչոն, ― ձերդ ողորմածությունը լավ է նիզակը գործ ածում․ դուք նշան էիք դրել իմ գլխին և դիպաք մեջքիս միմիայն շնորհիվ Աստծու և այն ճարպկության, որով ինձ աջողեց մի կողմ թռչել։ Է, դե լավ, լվացքից ամեն բան կմաքրվի, զուր չի ասում առածը՝ ով որ սաստիկ սիրում է, նա սաստիկ էլ խփում է։ Իսկ ազնիվ սինյորները հենց որ հայհոյում են ծառային, իսկույն ևեթ նրան նոր վարտիք են նվիրում։ Իսկ թե թափառական ասպետներն ինչ են նվիրում իրենց ծառաներին նրանց մի լավ քյոթագ տալուց հետո ― չգիտեմ։ Ծեծին չի՞ հետևում արդյոք կղզի կամ որևէ թագավորություն ցամաքի վրա։
― Ինչ կա որ, բախտը կարող է գործը այնպես շուռ տալ, որ քո բոլոր խոսքերը ճշմարտություն դուրս գան, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ների՛ր ինձ պատահածի համար, որովհետև դու խելացի մարդ ես և գիտես, որ մենք չենք իշխում մեր առաջին շարժումների վրա։ Իսկ գալիքի համար թող դա նախազգուշացում լինի, զգուշացիր և զսպիր քեզ ավելորդ խոսակցություններից ինձ հետ, որովհետև, թեև ես անհաշիվ բանականությամբ ասպետական վեպեր եմ կարդացել, բայց նրանցից և ոչ մեկում չեմ հանդիպել, որ զինակիրն այնքան շատ խոսեր իր տիրոջ հետ, ինչքան դու՝ ինձ հետ։ Եվ ճիշտ՝ ես կարծում եմ, որ այդ բանում մենք երկուսով էլ խիստ մեղավոր ենք։ Դու մեղավոր ես, որ ինձ բավականաչափ չես հարգում, իսկ ես՝ որ քեզնից ավելի հարգանք չեմ պահանջում։ Օրինակ՝ Գանդալինը, Ամադիս Գաղղիացու զինակիրը, ցամաքային կղզու կոմս էր, իսկ եթե պատմությանը հավատալու լինենք, իր տիրոջ հետ այլ կերպ չէր խոսում, քան եթե գլուխը կախ արած, գլխարկը պահած ձեռքին և երկու տակ ծալված more turqueso:[98] Ինչ ասել կուզե դոն Գալաորի զինակիր Գասաբալի մասին։ Նա այնքան լռակյաց էր, որ մեծ և ճշմարտապատում պատմության հեղինակը մեկ անգամ է հիշատակում նրա անունը, այն էլ նրա զարմանալի առաքինությունը՝ լռակյացությունը, նշելու նպատակով։ Այն ամենից, որ ես քեզ ասացի, Սանչո, դու պետք է հետևցնես՝ պետք է հիշել սինյորի և ծառայի միջև եղած տարբերությունը, տիրոջ և ճորտի, ասպետի և զինակրի միջև։ Ուստի, այսօրվանից մենք իրար ավելի մեծ հարգանքով պիտի վերբերենք և մի կողմ պիտի թողնենք ամեն տեսակ հիմարությունները, որովհետև եթե դուք մի բանով զայրացնելու լինեք ինձ, ապա միմիայն ինքներդ կտուժեք, ինչպես առակի կավե ամանը։ Գալով խոստացված շնորհ ու պարգևներին, իր ժամանակին կլինեն, իսկ եթե չլինեն, միևնույն է, համենայն դեպս, դուք ձեր ռոճիկը չեք կորցնի, ես քանիցս այդ ասել եմ ձեզ։
― Այդ ամենը շատ լավ է, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն։ ― Սակայն ես կկամենայի իմանալ (եթե պարգևի ժամը այնպես էլ հասնելու չլինի և ես հարկադրված լինեմ միմիայն ռոճիկով գոհանալ) ― թափառական ասպետների զինակիրները հին ժամանակ ի՞նչ ռոճիկ էին ստանալիս եղել և ի՞նչ պայմանով էին վարձվում՝ ամսո՞վ թե օրավարձով, ինչպես քարտաշի աշկերտները։
― Ինձ թվում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ այն ժամանակ զինակիրները երբեք ռոճիկով չէին ծառայում, այլ միայն պարգևներ էին ստանում։ Եվ եթե ես հիշատակել եմ քեզ կտակիս մեջ, որ կազմել եմ տանս և պահել կնքած, ապա միմիայն այն պատճառով, որ ամեն բան կարող է պատահել՝ ես խոմ չգիտեմ, թե ինչ բախտ է սպասում մեր աղետավոր ժամանակ ասպետին, և ես չէի կամենա, որ մի չնչին բանի համար իմ հոգին տանջվի այն աշխարհում։ Եվ դա պետք է որ իմացած լինես, Սանչո, որ այս աշխարհում արկած որոնելուց ավելի վտանգավոր զբաղմունք չկա։
― Դա կատարյալ ճշմարտություն է, ― պատասխանեց Սանչոն, ― քանի որ մահուդ գործելու մուրճերի թրխկոցը սոսկ բավական էր ձերդ ողորմածության պես արի մի ասպետի հանգիստը խռովելու համար։ Սակայն դուք կարող եք միանգամայն հավատացած լինել, որ ես այլևս բերանս էլ բաց չեմ անի ձերդ ողորմածությանը ծաղրելու համար և միշտ կհարգեմ ձեզ, որպես իմ բնական տիրոջ ու սինյորի։
― Եվ աշխարհիս երեսին կյանքդ փափուկ կլինի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև հոր ու մորից հետո պետք է պատվել տերերին, ասես նրանք ծնողներ լինեն։
Գլուխ XXI
Որ զրուցում է մեծ արկածի մասին և Մամբրինի թանկագին սաղավարտի նվաճման մասին, ինչպես և այլ անցք ու դեպքերի մասին, որ պատահեցին մեր անհաղթ ասպետին
Անձրևը մաղեց և Սանչոն տրամադիր էր պատսպարվելու մահուդի գործարանի ծածկի տակ։ Սակայն իր զինակրի ծաղրից հետո դոն Կիխոտն այնպես էր ատել այդ գործարանը, որ ոչ մի դեպքում չէր ուզում այնտեղ մտնել։ Ուստի նա ծռեց դեպի աջ և դուրս եկավ ճամփան, որ նման էր այն ճամփին, որով նրանք նախօրյակին ընթանում էին։ Շուտով դոն Կիխոտը հեռվում մի ձիավոր տեսավ, որի գլխին ինչ֊որ առարկա կար, որ փայլում էր ոսկու պես։ Հազիվ էր նկատել նրան, որ նա դիմեց Սանչոյին և ասաց․
― Ինձ թվում է, Սանչո, որ յուրաքանչյուր առածի մեջ ճշմարտություն կա, որովհետև այդ բոլոր ասույթները դուրս են բերված փորձից, որ բոլոր գիտությունների մայրն է։ Առանձնապես արդարացի է առածը, որ ասում է՝ մի դուռ փակվեց, մյուսը բացվեց։ Ասելս այն է, որ երեկ բախտը փակեց մեր առջև մեր որոնած արկածի դուռը և խաբեց մեզ մահուդի գործարանով, իսկ այսօր լայն բաց է անում մի ուրիշ դուռ, որ տանում է դեպի մի այլ և ավելի հաստատ արկած։ Եթե ինձ չհաջողվի մտնել այս դռնով, ես ինքս կլինեմ մեղավոր և այլևս անկարելի կլինի արդարանալ մուրճի ձայների անծանոթությամբ և գիշերվա խավարով։ Ասելս այն է, որ եթե չեմ սխալվում, մեր դիմաց մարդ է գալիս, որի գլխին Մամբրինի սաղավարտն է դրած, հենց այն սաղավարտը, որ ես երդվել եմ ձեռք բերել։
― Մտածեցեք, ձերդ ողորմածություն, թե ի՞նչ եք ասում, ― պատասխանեց Սանչոն, ― և ավելի՝ թե ի՜նչ եք անում։ Սա էլ երկրորդ մահուդի գործարանը դուրս չգա և վերջնականապես չկործանի մեզ։
― Սատանան քեզ տանի, ― գոչեց դոն Կիխոտը, ― ի՞նչ առնչություն կա սաղավարտի և մահուդի գործարանի միջև։
― Ես ի՞նչ իմանամ, ― պատասխանեց Սանչոն, ― սակայն եթե ես առաջվա պես կարողանայի ազատ խոսել, ապա, անշուշտ, այնպիսի փաստեր կբերեի, որ ձեզ համոզեին, թե դուք սխալ եք։
― Ինչպե՞ս կարող եմ ես սխալվել, վախկոտ դավաճան, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Դե, ասա, մի՞թե դու չես տեսնում, որ մեր դիմաց գորշ ձի հեծած ձիավոր է գալիս, գլխին՝ ոսկե սաղավարտ։
― Տեսնում ու նկատում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― որ ինչ֊որ մարդ է գալիս էշ նստած։ Նրա էշն էլ, իմի պես, գորշագույն է և մարդու գլխին ինչ֊որ փայլուն բան կա։
― Հենց այդ էլ Մամբրինի սաղավարտն է, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Մի կողմ քաշվիր և թող ինձ նրա հետ երես առ երես, և դու կտեսնես, թե ինչպես առանց ավելորդ խոսքերի և ժամանակ կորցնելու ես կկատարեմ այս սխրագործությունը և սաղավարտը, որ ես այնքան փափագում էի ունենալ, իմ ձեռքը կընկնի։
― Մի կողմ քաշվելն ինձ համար դժվար չէ, ― պատասխանեց Սանչոն, ― միայն թե կրկնում եմ տա Աստված, որ սա խնկածաղիկ դուրս գա և ոչ մահուդ գործելու մուրճ։
― Ասացի ձեզ, եղբայր, որ դուք չհանդգնեք և ոչ մի խոսքով հիշեցնելու այն մուրճերը, ― ընդհատեց դոն Կիխոտը, ― թե չէ, գետինը մտնեմ․․․ չեմ ուզում վերջացրած լինեմ խոսքս, ― ես հոգիդ կհանեմ։
Սանչոն լռեց, վախենալով, որ տերը կարող է կատարել իր երդումը, որ թռավ նրա շուրթերից, թեթև փետուրի պես։
Իսկ հիմա պետք է պատմենք, թե այդ ինչ սաղավարտ, ձի ու ձիավոր էր, որ նկատել էր դոն Կիխոտը։ Այս շրջանում երկու գյուղ կար և նրանցից մեկն այնքան փոքր էր, որ ո՛չ դեղատուն ուներ, ո՛չ դալլաք, իսկ մյուսը, որ հարևան էր, ուներ և՛ այս, և՛ այն։ Եվ ահա մեծ գյուղի դալլաքը սպասարկում էր նաև փոքրիկ գյուղը, որտեղ հենց այդ ժամանակ մի գյուղացի ածիլվելու կարիք ունեցավ, իսկ մի ուրիշը, հիվանդը, արյուն պիտի առնել տար։ Դրա համար էլ գնում էր դալլաքը և հետը պղնձե աման էր տանում։ Իսկ որովհետև բախտը բերեց, որ ճամփին անձրև եկավ, ապա նա, չկամենալով թրջել գլխարկը (երևի նորն էր), դրել էր գլխին ամանը, որ այնքան լավ մաքրված էր, որ նրա փայլը կես մղոն հեռավորությունից երևում էր։ Գնում էր գորշ էշով, ինչպես ճիշտ նկատել էր Սանչոն, ― իսկ դոն Կիխոտի աչքին իսկույն երևացին և՛ գորշ ձին, և՛ ասպետը, և՛ ոսկե սաղավարտը, որովհետև ինչ որ նրա աչքին երևում էր, նա իսկույն հարմարեցնում էր իր ասպետական ցնդաբանություններին և անմիտ երևակայությանը։ Տեսնելով, որ խեղճ մարդը բոլորովին մոտ է, դոն Կիխոտը, անհրաժեշտ չհամարելով նրա հետ խոսակցության բռնվելը, սաստիկ արագությամբ, որին ընդունակ էր Ռոսինանտը, նիզակը ճոճելով վրա տվեց՝ մտադրված լինելով ծակել նրան։ Մոտենալով նրան՝ մեր ասպետը, ձին չպահելով, գոռաց․
― Պաշտպանվի՛ր, թշվառ արարած, կամ թե կամովին տուր ինձ այն, ինչ որ ամենայն իրավամբ ինձ պիտի պատկանի։
Տեսնելով, որ անսպասելի կերպով ինչ֊որ տեսիլ հարձակվում է իր վրա, դալլաքը, հարվածից պրծնելու համար, ավելի լավ բան չգտավ, քան էշից գետնին թրմփալ։ Հազիվ էր դիպել գետնին, որ եղջերուի ճարպկությամբ ոտի կանգնեց և այնպիսի արագությամբ փախուստ տվեց դաշտում, որ քամին էլ նրան չէր հասնի։ Որովհետև ամանը գետնին ընկած էր, դոն Կիխոտը բավականացավ դրանով և ասաց, որ հեթանոսը խոհեմ վարվեց, հետևելով կղբի օրինակին, որը որսորդի վրա հասնելու միջոցին պոկում է իրենից և ատամներով կրծում֊կտրում այն, ինչի համար, ինչպես հուշում է նրան բնազդը, իրեն հետապնդում են։ Դոն Կիխոտը հրամայեց, որ Սանչոն վերցնի սաղավարտը և վերջինս իր ձեռքն առնելով ասաց․
― Լագանը, Աստված վկա, վատը չէ՝ ութ ռեալ, մինչև վերջին գրոշը, պետք է վճարել սրա համար։
Ապա նա տվեց իր տիրոջը, որը իսկույն դրեց գլխին և սկսեց շուռ տալ ամեն կողմ, դիմակալ որոնելով։ Չգտնելով նա ասաց․
― Երևի հեթանոսի մոտ մնաց, որի չափսով առաջին անգամ կռած֊կոփած է եղել և որի գլուխը սաստիկ մեծ է եղել, իսկ ամենավատը այն է, որ այս սաղավարտի կեսը պակաս է։
Երբ որ Սանչոն լսեց, որ դալլաքի լագանը սաղավարտ է անվանվում, չկարողացավ իր ծիծաղը զսպել, բայց այստեղ նա հիշեց, թե ինչպես իր տերը նոր զայրացավ և իսկույն զսպեց իր ուրախությունը։
― Ինչի՞ համար ես ծիծաղում, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ես ծիծաղում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― մտածելով, թե որքան մեծ պիտի եղած լիներ հեթանոսի գլուխը, որին պատկանում էր սաղավարտը։ Ախր, երկու կաթիլ ջրի պես նա նմանում է դալլաքի լագանի։
― Գիտե՞ս ինչ անցավ գլխովս, Սանչո։ Այս հռչակավոր կախարդական սաղավարտը, երևի, արտասովոր դիպվածով այնպիսի մարդու ձեռք է ընկել, որ նրան չի ճանաչել և չի կարողացել ըստ արժանվույն գնահատել, և ահա՛, տեսնելով, որ այս սաղավարտը զուտ ոսկուց է, առանց հասկանալու, թե ինչ է անում, կեսը հալել է, որ փող աշխատի, իսկ մյուս կիսից շինել է այն, ինչ որ քո խոսքերով քեզ դալլաքի լագան է թվում։ Էհ, մեկ բան է՝ ինչպես էլ լինի, ես հո գիտեմ, ինչ բան է և ինձ համար այդ կերպարանափոխությունը կարևորություն չունի։ Առաջին իսկ գյուղում, որտեղ դարբնոց կլինի, մենք նորից կռել կտանք և այն ժամանակ մարտի Աստծու համար դարբինների Աստծու սաղավարտը ոչ միայն առաջնություն չի ունենա սրա առջև, այլ չի էլ համեմատվի սրան։ Իսկ մինչ այդ ես նրան կկրեմ նույնիսկ այս ձևով, որովհետև դարձյալ մի բանը լավ է, քան ոչինչ, առավել ևս, որ նա ինձ լիովին կարող է պաշտպանել քարերի կարկուտից։
― Այո՛, իհարկե, ― պատասխանեց Սանչոն, ― եթե միայն թշնամիները քարը պարսերով նետելու չլինեն, ինչպես այն անգամ, երկու զորքերի բախման միջոցին, երբ որ նրանք ձեր ողորմածության ատամնրը ջարդեցին և կոտրեցին ամանը այն օրհնած խմիչքի, որից քիչ էր մնում բոլոր փորոտիքս դուրս թափեի։
― Ես այնքան էլ չեմ ցավում այդ կորուստից, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դու հո գիտես, Սանչո, որ ես նրա պատրաստելու եղանակը անգիր գիտեմ։
― Այո՛, հիշում եմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Բայց տեղնուտեղը գետինը մտնեմ, երբ կյանքումս գեթ մի անգամ պատրաստեմ և համը առնեմ։ Համ էլ չեմ կարծում, որ երբևիցե կարիք լինի, որովհետև ես կաշխատեմ իմ բոլոր հինգ զգայարանները լարել, որպեսզի երբեք ոչ ոքի չվիրավորեմ և ինքս էլ չվիրավորվեմ։ Գալով նրան, որ ինձ մեկ էլ վերմակի վրա վեր֊վեր թռցնեն, խոսք չեմ տալիս, այդպիսի դժբախտությունները դժվար թե կարելի լինի կանխել և, երբ որ նրանք պատահում են, բան չի մնում, բայց եթե գլուխը ուսերի մեջ խրել, շունչը կտրել, աչքերը խուփ անել և մատնվել բախտի և վերմակի կամքին։
― Դու վատ քրիստոնյա ես, Սանչո, ― պատասխանեց դրան դոն Կիխոտը, ― որովհետև երբեք չես մոռանում վիրավորանքը, որ քեզ մեկ անգամ հասցրած են լինում։ Իմացած եղիր, որ ազնիվ և մեծահոգի սրտերը մանր֊մունր բաների վրա ուշ չեն դարձնում։ Մի՞թե դու դրանից հետո կաղ դառար։ Թե՞ քո կողը կոտրեցին, կամ ջարդեցին գլուխդ։ Ինչո՞ւ ապա դու չես կարողանում մոռանալ այդ կատակը։ Չէ՞ որ վերջի վերջո դա կատակ ու զվարճություն էր և եթե ես այդ բանին այլ աչքով նայեի, ես, անշուշտ, կվերադառնայի այնտեղ և, քո վրեժն առնելով, այնպիսի ավերածություն կգործեի, ինչպիսին հույները չգործեցին Հեղինեին փախցնելու համար։ Ասենք, եթե Հեղինեն մեր ժամանակ ապրելու լիներ կամ իմ Դուլսինեան՝ Տրոյայի օրոք, ապա այդ հույնուհին այդքան դյուրին չէր հռչակվի իր գեղեցկությամբ։
Այստեղ նա գլուխը վեր բարձրացրեց և խորը հառաչեց։ Իսկ Սանչոն ասաց․
― Լավ, թող դա հանաք լինի, քանի որ մենք չենք կարող ինչպես հարկն է վրեժ լուծել ― թեև ես շատ լավ գիտեմ, թե իրականում դա ի՜նչ հանաք էր, ինչպես և այն, որ երբեք չի ջնջվի իմ հիշողությունից, ասենք՝ մեջքս էլ չի մոռանա։ Էհ, թողնենք, ավելի լավ է՝ ահա՛ թե ինչ ասեք ինձ՝ ի՞նչ անենք այս գորշ ձիուն,[99] որ շատ նմանում է գորշ էշի, որ անտեր է թողել այն ղոչաղը, որին ձերդ ողորմածությունը գետին տապալեց։ Դատելով նրանից, որ նա Վիլյադյեգոյից պակաս փախուստ չտվեց, դժվար թե նա իր անասունի հետևից գալու լինի։ Երդվում եմ միրուքովս, որ գորշը վատը չի՜։
― Իմ կանոններից դուրս է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― իմ հաղթահարված թշնամիներին թալանելը, ասենք՝ ասպետական սովորույթն էլ արգելում է խլել թշնամուց ձին և ստիպել նրան ոտով գնալ։ Եվ միայն այն դեպքում, եթե հաղթողը մարտի միջոցին իր ձին կորցնելու լինի, նրան թույլ է տրվում օգտվելու թշնամու ձիով, որպես օրինական ռազմի ավարով։ Ուստի, Սանչո, թող այդ ձիուն կամ էշին (ինչպես քեֆդ տա), որովհետև երբ որ նրա տերը տեսնի, թե մենք հեռացել ենք, նա կվերադառնա և կվերցնի նրան։
― Աստծուն է հայտնի, ― ասաց Սանչոն, ― թե ինչպես կկամենայի վերցնել նրան կամ առնվազն՝ փոխել իմի հետ՝ իմն ախր դրանից վատն է։ Շա՜տ ճնշող են ասպետական օրենքերը, քանի որ չեն թույլատրում փոխել էշը։ Էհ, թույլ տվեք իմանամ, սարքը կարելի՞ է փոխել։
― Այդ մասին ես հաստատ համոզված չեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Դա կասկածելի դեպք է, իսկ մինչև որ ես տեղեկանք քաղեմ, թույլ կտամ, որ փոխես, քանի որ դու ծայր աստիճան կարիք ունես։
― Ամենածայրահեղ, ― պատասխանեց Սանչոն, ― թե այդ սարքը ինձ համար պետք լիներ, ես այնքան կարիք չէի ունենա։ Եվ, իր տիրոջից թույլտվություն ստանալով, նա իսկույն mutatio capparum[100] կատարեց, զարդարելով իր էշին այնպես, որ էշը ղալամով քաշած գեղեցիկ դառավ։ Ավարտելով այդ գործը, նրանք նախաճաշեցին, կերան գիշերային թափորից Սանչոյի վերցրած մթերքների մնացորդը և ջուր խմեցին մահուդի գործարանի մոտով հոսող առվից, դեպի որ կողմը նրանք գլուխներն անգամ շուռ չէին տալիս՝ այդպես էին նրանք ատելով ատել մահուդի գործարանը, որ գիշերն իրենց ահի մեջ գցեց։
Երբ որ վերջապես ցրվեց նրանց մելամաղձոտությունը և անցավ զայրույթը, մեկը հեծավ իր ձին, մյուսը նստեց էշը և առանց որոշ ճամփի (որովհետև գնալ, ուր որ աչքը տեսնի ― միանգամայն թափառական ասպետների սովորույթն է) շարժվեցին այն ուղղությամբ, որ ընտրեց Ռոսինանտը, որի կամքին հնազանդեց ոչ միայն իր տերը, այլև էշը, որ եղբայրաբար և բարեկամաբար միշտ նրան հետևում էր։ Վերջապես նրանց հաջողեց բանուկ ճամփա ելնել, որով նրանք պատահմամբ, առանց որոշ նպատակի շարունակեցին ուղին։ Եվ ահա՛, այդպես ճամբորդելով, Սանչոն ասաց իր տիրոջը․
― Ձերդ ողորմածություն, չէի՞ք հաճի արդյոք թույլ տալ ինձ մի քիչ խոսել ձեզ հետ։ Այն պահից, ինչ դուք իմ շուրթերի վրա դրել եք լռության այդ դաժան փորձությունը, փորումս թթվել են առնվազն չորս հարց, հիմա էլ հինգերորդն է պտտվում լեզվիս ծայրին, և ես չէի կամենա, որ նա էլ կորչի։
― Դե, ասա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն թե կարճ կապիր, շաղակրատությունը միշտ անախորժ է։
― Ես ուզում էի ասել, սինյոր, ― սկսեց Սանչոն, ― ահա՛ քանի օր է, ինչ ես մտածում եմ այն մասին, թե ինչ քիչ օգուտ ու շահ բերին մեզ այս թափառումները։ Ձերդ ողորմածությունը արկածներ է որոնում ճամփաբաժաններում և ամայի վայրերում, որտեղ ձեր բոլոր հաղթանակներն ու վտանգավոր սխրագործությունները, միևնույն է, ոչ ոք չի տեսնի և չի հիշի՝ այդպես էլ կմնան նրանք հավերժական մոռացության մեջ՝ թաղված ի մեծ վնաս թե՛ նրանց բարձր արժանիքների, թե՛ ձերդ ողորմածության բարի մտադրությունների։ Ուստի, թվում է ինձ, ավելի լավ կլիներ ― եթե միայն ձերդ ողորմածությունն այլ կերպ դատելու չլինի, ― եթե մենք որևէ կայսեր կամ այլ մեծ թագավորի, որ մեկն ու մեկի դեմ պատերազմ է մղում, ծառայության մտնեինք։ Ահա այստեղ ձերդ ողորմածությունը կարող կլիներ դրսևորել իր բոլոր արժանիքները ― մեծ ուժը և առավել ևս մեծ խելքը։ Իսկ երբ որ թագավորը, որին մենք ծառայելու լինենք, այդ տեսնի, իհարկե, մեզ երկուսիս կպարգևատրի, յուրաքանչյուրին ըստ իր ծառայությունների և, իհարկե, այնտեղ պատմաբան էլ կգտնվի, որ ձերդ ողորմածության բոլոր գործերը գրի առնի, որպեսզի նրանց հիշատակը հավետ մնա։ Իմ գործերի մասին ես չեմ խոսում, որովհետև նրանք բնավ զինակրի պաշտոնի սահմաններից չեն անցնի։ Թեև պետք է ձեզ ասեմ, որ եթե ասպետական մի այնպիսի սովորույթ լիներ, որ զինակիրների սխրագործություններն էլ գրի առնվեին, ապա, հանդգնում եմ հավատացնելու ձեզ, իմ գործերն էլ վերջին տեղը չէին գրավի։
― Դու վատ չես դատում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Բայց նախքան այդպիսի մի ծառայություն գտնելը, ասպետը պետք է, իբրև փորձություն, թափառի աշխարհիս երեսին և արկածներ որոնի, որպեսզի այդ գործում աչքի ընկնելուց հետո հռչակ ու փառք վայելի, այնպես որ այդ ասպետին նրա գործերով բոլորն էլ ճանաչեն։ Եվ ահա՛, հենց որ նա որևէ մեծ միապետի արքունիքը գալու լինի և մանուկները տեսնեն, որ նա ներս է մտնում դարպասը, իսկույն բոլորն էլ հավաքվեն, շրջապատեն նրան և սկսեն ճչալ՝ «Ահա Արևի Ասպետը կամ՝ Օձի Ասպետը», ― կոչելով նրան այն մականունով, որ նա իր մեծ գործերով հռչակել է։ «Ահա՛ նա», կասեն նրանք, «որ հաղթեց մենամարտության մեջ հզոր ու ահարկու հսկա Բրոկամբրունին, ահա նա, ով ցրեց սոսկալի կախարդանքը, որի իշխանության տակ Պարսկաստանի մեծ Մամելյուկը ամբողջ ինը տարի տառապեց»։ Այսպես, բերնեբերան, կտարածվի համբավը նրա փառավոր գործերի մասին։ Եվ ահա՛, մանուկների և նրա բոլոր ժողովրդի աղաղակների վրա այդ թագավորության արքան իր արքայական պալատի լուսամուտից դուրս կնայի և, տեսնելով մեր ասպետին, իսկույն կճանաչի նրան նրա զենք ու զրահից կամ վահանի նշանաբանից և անպատճառ կասի՝ «Հե՜յ, իմ արքունի ասպետներ, դո՛ւրս ելեք բոլորդ մեզ մոտ եկած ասպետության ծաղիկը դիմավորելու»։ Նրա հրամանով բոլորը կելնեն, իսկ ինքը կիջնի միչև սանդուղի կեսը, ամուր կգրկի հյուրին և ողջունելով կհամբուրի նրա դեմքը, ապա կբռնի նրա ձեռքն ու կտանի տիրուհի թագուհու սենյակը, և մեր ասպետը կտեսնի նրան՝ նստած աղջկա կողքին ― թագաժառանգուհու, որ ամենագեղեցիկ և հեզաբարո աղջիկներից մեկն է, որ կարելի է գտնել մինչև օրս աշխարհիս երեսին բոլոր հայտնաբերված երկրներում։ Եվ անհապաղ կպատահի, որ աղջիկը կնայի ասպետին, ասպետն՝ աղջկան, և նրանց երկուսին էլ կթվա, որ իր առջև չնաշխարհիկ մի էակ է, երկնային, և անհայտ է, թե ինչպես և ինչու նրանք երկուսով էլ կընկնեն կխճճվեն սիրային անել ցանցում և իրենց սրտերում մեծ տագնապ կզգան, չեն իմանա՝ ինչ ասեն, որ բաց անեն իրար իրենց զգացմունքն ու տվայտանքը։ Ապա, իհարկե, ասպետին կտանեն պալատի շքեղ զարդարված մի սենյակ և այնտեղ հանելով նրա զրահները, նրա ուսերին կգցեն հարուստ ծիրանի։ Եվ եթե ապառազինված նա գեղեցիկ էր, ապա այս զգեստով նա ավելի գեղեցիկ կերևա։ Երբ որ կիջնի երեկոն, նա թագավորի, թագուհու և արքայաժառանգուհու հետ ընթրիքի կնստի և կնայի՝ առանց հայացքը պոկելու, թաքուն բոլոր ներկա եղողներից, աղջկան, և աղջիկն էլ նույնը կանի, նույն նախազգուշություններով, որովհետև ինչպես ես արդեն ասացի, աղջիկը շատ խելացի կլինի։ Իսկ երբ բոլորը վեր կենալու լինեն, հանկարծ դռնից ներս կմտնի անճոռնի փոքրիկ մի թզուկ, նրա հետևից չքնաղ մի տիկին՝ երկու հսկաների ուղեկցությամբ։ Տիկինը կառաջարկի որևէ հին իմաստունի հնարած մի փորձություն՝ ով որ խիզախի կատարել, աշխարհիս լավագույն ասպետը կհամարվի։
Իսկույն ևեթ թագավորը կառաջարկի իր բոլոր պալատականներին, որ փորձեն բախտը, բայց նրանք բոլորն էլ պարտություն կկրեն, և միայն մեր ասպետը դուրս կգա փորձությունից պատվով ու փառքով․ մի բան, որ սաստիկ կուրախացնի թագաժառանգուհուն, որ շատ գոհ և ուրախ կլինի, որ այդպիսի մի արժանավոր մարդու տվել ու նվիրել է իր զգացմունքը։ Իսկ այդ պատմության մեջ ամենաերևելի բանն այն է, որ այդ թագավորը կամ պրինցը, կամ ով էլ որ լինի, չարաչար պատերազմ է մղում մի ուրիշի դեմ, ոչ պակաս հզոր միապետի, և նրա մոտ հյուրընկալված ասպետը, մի քանի օր նրա արքունիքում անց կացնելուց հետո, նրանից թույլտվություն կխնդրի ծառայելու նրան պատերազմում։ Թագավորը նրան սիրով թույլ կտա, և ասպետը պարկեշտ կհամբուրի նրա ձեռքը՝ ցույց տված ողորմության համար։ Նույն գիշերը նա հրաժեշտ կտա իր տիկնոջ֊թագաժառանգուհուն պարտեզի ցանկապատի ճաղերի արանքից։ Թագաժառանգուհու ննջարանի լուսամուտը նայում է պարտեզին։ Այդ ցանկապատի ճաղերի արանքից նրանք առաջ էլ շատ անգամ զրուցել են և սպասուհու գիտությամբ և օգնությամբ, որին թագաժառանգուհին լիովին հավատ է ընծայում։ Նա հոգվոց կքաշի, աղջիկը ուշագնաց կլինի, սպասուհին ջուր կբերի և անհանգիստ կլինի, որովհետև առավոտը մոտ է և իր տիրուհու պատիվը կտուժի, եթե նրանց վրա հասնեն։ Վերջապես թագաժառնգուհին ուշքի կգա և ցանկապատի ճաղերի արանքով իր ճերմակ ձեռքը կպարզի ասպետին, իսկ սա կսկսի հազար անգամ համբուրել և թրջել արցունքով։ Նրանք կպայմանավորվեն, թե ինչպես իրար հաղորդեն, թե ինչ լավ ու վատ բան կպատահի, և թագաժառանգուհին կթախանձի, որ նա, ինչքան կարելի է, շուտ վերադառնա։ Նա երդումով կխոստանա և նորից կսկսի համբուրել նրա ձեռքը և կանջատվի նրանից այնքան սրտաշարժ կերպով, որ կթվա, թե նա բաժանվում է կյանքից։ Ապա նա կերթա իր սենյակը, կընկնի անկողնու վրա և անջատումի վշտից չի կարողանա քնել։ Լույսը չծագած նա վեր կկենա, կերթա հրաժեշտ տալու թագավորին, թագուհուն և թագաժառանգուհուն, և երբ որ առաջին երկուսին մնաք բարով կասի, նրան կհաղորդեն, որ տիրուհի արքայադուստրը իրեն վատ է զգում և չի կարող նրան ընդունել։ Ասպետը գլխի կընկնի, որ դրա պատճառը անջատումի վիշտն է։ Նրա սիրտը կտոր֊կտոր կլինի, և նա մեծ ճիգ գործ կդնի իր տվայտանքը պարզ չդրսևորելու համար։ Իսկ սպասուհի֊բարեկամը այդ ամենը տեսնում ու վազելով պատմում է իր տիրուհուն։ Սա՛ էլ նրան դիմավորում է արցունքն աչքերին և ասում է, թե ի՜նչ տաժանելի է, որ չգիտի, թե իր ասպետն ով է և թագավորական ցեղի՞ց է նա արդյոք, թե՞ ոչ։ Սպասուհին հավատացնում է նրան, որ միմիայն ազնվազարմ, թագավորական ցեղի մարդը կարող է այդքան քաղաքավարի, ազնիվ ու արի լինել, ինչքան այդ ասպետը։ Վշտացած արքայադուստրը հանգստանում է և վճռում սփոփվել, որպեսզի ծնողների կասկածը չհարուցի, ուստի և երկու օրից դարձյալ մարդամեջ է դուրս գալիս։ Իսկ ասպետն արդեն գնացել է։ Նա մարտնչում է պատերազմի դաշտում, հաղթում է թագավորի թշնամիներին, նվաճում է բազմաթիվ քաղաքներ, բազմաթիվ մարտերից դուրս է գալիս հաղթական, վերադառնում է արքունիք, հանդիպում է պայմանավորված տեղում իր իշխանուհուն և համաձայնության գալիս նրա հետ, որ ինքը կխնդրի նրա ձեռքը, իբրև իր ծառայության պարգև։ Թագավորը չի համաձայնում կատարել նրա խնդիրքը, որովհետև չգիտե, թե ով է նա։ Սակայն չնայած դրան, փախցնելու կամ ուրիշ միջոցով ասպետն ամուսնանում է թագաժառանգուհու հետ, և թագավորը հետագայում այդ մեծ բախտավորություն է համարում իր համար, որովհետև իմանում է, որ այդ ասպետը հզոր թագավորի որդի է, իսկ թե ինչ թագավորության, ես չգիտեմ, որովհետև համարում եմ, որ քարտեզի վրա մեկ է, չի լինի։ Թագավորը մահանում է, թագաժառանգուհին ժառանգում է նրան և ահա, կարճ՝ ասպետը թագավոր է դառնում։ Այստեղ ահա հասնում է զինակրին և այդպիսի բարձր դիրք հասնելու նրան բոլոր օգնողներին պարգևներ շնորհելու ժամը։ Նա ամուսնացնում է զինակրին թագաժառանգուհու սպասուհու հետ, ավելի շուտ նրա հետ, որ նրանց սիրային գործերում միջնորդ է եղել, և սա՛ էլ հզոր մի դքսի աղջիկ է դուրս գալիս։
― Շիտակ՝ հենց այդ էլ պետք է ինձ, անկեղծ, ― բացականչեց Սանչոն։ ― Եվ ես հավատում եմ, որ ամեն ինչ հենց այդպես էլ կպատահի, բառ առ բառ, քանի որ ձերդ ողորմածությունը Տխուր Պատկերի Ասպետ է կոչվում։
― Կարող ես չկասկածել, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև թափառական ասպետներ բարձրանում և բարձրացել են թագավորական կամ կայսերական գահ այն միջոցով և այն աստիճաններով, որ ես քեզ պատմեցի։ Հիմա մեզ մնում է միայն, թե ինչ քրիստոնեական կամ հեթանոսական թագավոր է պատերազմ մղում և գեղեցիկ աղջիկ ունի։ Սակայն դրա մասին խորհելու ժամանակ մենք դեռ կունենանք, որովհետև, ինչպես ես քեզ ասացի, առաջ, քան արքունիք գնալը մենք պետք է ուրիշ տեղերում հռչակվենք։ Սակայն ինձ մի քանի բան պակասում է։ Որովհետև, եթե ենթադրելու էլ լինենք, որ պատերազմ մղող և գեղեցիկ աղջիկ ունեցող թագավոր կգտնվի և ենթադրենք, որ ես ողջ տիեզերքում անօրինակ հռչակ եմ հանել, ինչպե՞ս անենք, որ ես թագավորական ցեղից սերած լինեմ, կամ, գոնե կայսեր երրորդական եղբայրը լինեմ։ Չէ՞ որ թագավորը չի կամենա իր աղջկան ինձ մարդու տալու, նախքան չհամոզվի որ այդպես է, անգամ եթե իմ փառավոր սխրագործությունները ավելի արժանի լինեին։ Եվա ահա՛, ես վախենում եմ, որ այդ պակասության պատճառով ես կկորցնեմ իմ ձեռքի արիությամբ վաստակած պարգևները։ Ճիշտ է, ես սերում եմ հին ու հայտնի ազնվական ցեղից, հող ու կալվածի տեր եմ և վիրավորանքի համար կարող եմ հինգ հարյուր սուելդո[101] պահանջել։ Անգամ հնարավոր է, որ այն իմաստունը, որ կգրի իմ պատմությունը, այնքան մանրամասն կհաստատի իմ ծննդաբանությունն ու ծագումը, որ ես դուրս կգամ հինգերորդ կամ վեցերորդ պորտում թագավորի թոռ։ Որովհետև, պետք է քեզ ասած, Սանչո, ազնվականությունն աշխարհիս երեսին երկու եղանակով է ձեռք բերվում, ոմանք իրենց ծագումը սկսում ու համարում են իշխաններից և միապետներից, որոնց տոհմը ժամանակի ընթացքում անկման է ենթարկվել և նեղացել, կտրած պիրամիդի նման, ոմանք էլ ստոր ցեղից են ծագում, որի սերունդը բարձրանալով մեկ աստիճանից մյուսը, վերջապես ազնվական կալվածատերեր են դառնում։ Այսպիսով, նրանց տարբերությունն այն է, որ ոմանք դադարել են այն լինելուց, ինչ եղել են, իսկ մյուսները դառել են այն, ինչ երբեք չեն եղել։ Եվ շատ հնարավոր է, որ ստուգումից հետո դուրս կգա, որ իմ տոհմի սկիզբը մեծ ու փառավոր է եղել, և թագավորը, ով էլ նա լինի, իմ ապագա աները, դրանով միանգամայն բավարարված կլինի։ Իսկ եթե բավարարվելու չլինի, միևնույն է, թագաժառանգուհին ինձ այնքան սաստիկ կսիրի, որ հոր կամքին հակառակ և անգամ եթե նա ստույգ տեղյակ լինի, որ ես ջրկիրի որդի եմ, նա ինձ իր ամուսինն ու տերը կճանաչի։ Իսկ եթե ոչ, ինձ մի միջոց էլ կմնա՝ փախցնել նրան և տանել ուր որ խելքս փչի, և ժամանակը կամ մահը վերջ կտան նրա ծնողների ցասումին։
― Այստեղ շատ տեղին կլինի հիշել, ― ասաց Սանչոն, ― անխիղճ մարդկանց առածը՝ «Մի խնդրիր այն, ինչ որ կարող ես ուժով առնել», թեև այստեղ ավելի հարմար կգա մի ուրիշը՝ «Ավելի լավ է ցանկապատի վրայով թռչել֊անցնել, քան զուր տեղը գլուխ տալ»։ Ասելս այն է, որ եթե սինյոր թագավորը՝ ձերդ ողորմածության աները, չհամաձայնի տիրուհի թագաժառանգուհուն ձեզ մարդու տալ, ապա մեզ, ինչպես ձերդ ողորմածությունն է ասում, ուրիշ բան չի մնա, այլ եթե փախցնել նրան ու տանել ուրիշ տեղ։ Ցավն այն է միայն, որ մինչև դուք չհաշտվեք թագավորի հետ և խաղաղությամբ չտիրանաք թագավորությանը, խեղճ զինակրիս կմնա միայն ատամ սրել պարգև ստանալու։ Այն էլ կա, որ գուցե սպասուհի միջնորդը, որի հետ նա կամուսնանա, կգնա թագաժառանգուհու հետևից և նրա հետ նա տխուր ժամանակը մլուլ կանի, մինչև որ աստված նրան ուրիշ, ավելի լավ բան տա։ Որովհետև, թվում է ինձ, ասպետը կարող է այդ աղջկան տալ նրան ի կնություն անհապաղ կերպով։
― Իսկ ո՞վ կարող է խանգարել, ― ասաց դոն Կիխոտը։
― Որ այդպես է, ― պատասխանեց Սանչոն, ― մնում է, որ մենք մեզ պահ տանք տեր Աստծուն և հավատանք բախտին, իսկ բախտը մեզ ուղիղ ճամփով կտանի։
― Տերը թող կատարի իմ ցանկությունը և բավարարի քո կարիքը, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Իսկ ով որ ուզում է ոչնչություն լինել, թող ոչնչություն մնա։
― Տա աստված, ― ասաց Սանչոն։ ― Ես հին քրիստոնյա եմ և կոմս դառնամ ինձ այդ էլ հերիք է։
― Ավելի քան հերիք է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Եթե դու հին քրիստոնյա էլ չլինեիր, այդ էլ կարևոր չէ։ Հենց որ ես թագավոր դառնամ, ես քեզ ազնվական կդարձնեմ ― և դու պարտավոր չես լինի դրա համար ո՛չ վճարել, ո՛չ ծառայել ինձ։ Իսկ որ կոմս դառնաս, ահա՛ դու արդեն ասպետ ես և թող մարդիկ ասեն՝ ինչ որ կամենան, իսկ ամեն մարդ ուզենա֊չուզենա, քեզ պարտավոր կլինի սինյոր անվանել։
― Ի՞նչ եք կարծում, ես խոզ չե՞մ կարող ունենալ, ― հարցրեց Սանչոն։
― Դու ուզում ես ասել տիտղոս և ոչ թե խոզ, ― նկատեց դոն Կիխոտը։
― Թող այդպես լինի, ― ասաց Սանչո Պանսան։ ― Կարծում եմ, որ կկարողանամ նրա հետ վարվել․ ես իմ կյանքում մի անգամ մի միաբանության պահապան եղած կամ և պահապանի շորն ինձ շատ սազում էր, այնպես որ բոլորն ասում էին, որ իմ արտաքին ունեցողը կարող է և միաբանության աբբահայր լինել։ Արի տես, թե ի՜նչ կդառնա, որ ես ուսերիս դուքսի վերնարկ գցեմ և զարդարվեմ ոսկով ու մարգարիտով, ինչպես օտարերկրացի կոմսերը։ Հավատացած եմ, որ հարյուր մղոնի հեռավորությունից կգան ինձ տեսնելու համար։
― Այո․ տեսքդ շատ լավ կլինի, ― ասաց դոն Կիխոտը, ― միայն թե պետք կլինի շուտ֊շուտ մորուքդ ածիլել, թե չէ շատ թավն է, մազը խճճված ու չսանրած և եթե առնվազն օրըմեջ ածելիով քերելու չլինես, ամեն ոք թնդանոթ ձգելու հեռավորությունից քո ծագումը կտեսնի։
― Դա մի մեծ բան չէ, ― պատասխանեց Սանչոն, ― մի դալլաք է ― կվարձեմ ու ռոճիկով կպահեմ մոտս։ Իսկ հարկավոր գա՝ կհրամայեմ, որ հետևիցս գա, ինչպես գոմապահները՝ աղաների հետևից։
― Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ աղաներին գոմապահներ են հետևում։
― Իսկույն կասեմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Մի քանի ամիս առաջ ես մեկ ամիս մայրաքաղաքում մնացի ու այնտեղ մեկ սինյոր տեսա, որ շատ կարճահասակ էր,[102] թեև նրա մասին ասում էին, թե շատ հարուստ տղա է։ Նա շարունակ զբոսնում էր, իսկ նրա հետևից, որտեղ էլ գնալու լիներ, ձիով մի մարդ էր գնում ― ճիշտ և ճիշտ նրա պոչը լիներ։ Ես հարցրի, ինչո՞ւ այդ մարդը երբե՛ք չի հավասարվում նրան, այլ միշտ նրա հետևն է մնում։ Ինձ պատասխանեցին, թե ձիավոր մարդը նրա գոմապահն է, որ զբոսնում է և որ աղաներն այդպիսի սովորություն ունեն, որ իրենց մշտական ուղեկցեն գոմապահները։ Այն պահից ես այդ բանը այնպես լավ մտքումս պահեցի, որ այլևս երբեք չեմ մոռանա։
― Այո, դու արդարացի ես, ― ասաց դոն Կիխոտը, ― և դու կարող ես հետդ դալլաք ման ածել։ Սովորույթները միանգամից չեն գոյացել և միաժամանակ չեն հնարվել, ուստի միանգամայն հնարավոր է, որ դու առաջին կոմսը լինես, որ ման է գալիս իր դալլաքի ուղեկցությամբ։ Համ էլ միրուք վեր անողը ավելի վստահելի մարդ է, քան ձի թամքողը։
― Դալլաքի մասին ես ինքս կհոգամ, ― ասաց Սանչոն, ― իսկ դուք, ձերդ ողորմածություն, հոգացեք, որ թագավոր դառնաք, որպեսզի ինձ կոմս կարգեք։
― Ես այդ կանեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը և բարձրացնելով աչքերը, տեսավ այն, ինչի մասին կպատմենք հետևյալ գլխում։
Գլուխ XXII
Այն մասին, թե ինչպես դոն Կիխոտը ազատություն տվեց բազմաթիվ թշվառների, որոնց տանում էին հակառակ նրանց կամքի այնտեղ, ուր որ նրանք չէին ուզում գնալ
Արաբական և լամանչական գրող Սիդ Համետ Բենենխելին պատմում է իր շուրջ, բարձրաոճ, պարկեշտ, քաղցր ու մտածված պատմության մեջ, որ հռչակավոր դոն Կիխոտ Լամանչեցու և Սանչո Պանսայի միջև տեղի ունեցած զրույցից հետո հետո, որ շարադրված է քսանմեկերորդ գլխի վերջում, դոն Կիխոտը բարձրացրեց իր աչքերն ու տեսավ, որ իր դիմաց, նույն ճամփով, որով նրանք էին գնում, մոտ քսան մարդ էին շարժվում ոտով, որոնք, թազբեի պես, մեծ երկաթե շղթայի վրա էին շարված՝ նրանց պարանոցը շղթայված էր և բոլորն էլ ձեռքերին կապանք էին կրում։ Երկու ձիավոր և երկու փիադա մարդիկ նրանց ուղեկցում էին։ Ձիավորները զինված էին պատրույգավոր հրացաններով, իսկ փիադաները՝ նիզակներով ու թրերով։ Սանչոն նրանց տեսնելուն պես ասաց․
― Ահա տաժանակիր աշխատանքի դատապարտվածների շարան, թագավորական ստրուկների, որոնց տանում են թիանավերի վրա աշխատեցնելու։
― Ինչպե՞ս թե ստրուկներ, ― հարցրեց դոն Կիխոտը։ ― Հնարավո՞ր է միթե, որ թագավորը բռնության դիմի։
― Ես ա՛յդ չեմ ասում, ― պատասխանեց Սանչոն, ― այլ ուզում եմ ասած լինել, որ այդ մարդիկ, իրենց ոճրագործությունների համար դատապարտված են թիանավերի վրա բռնի ծառայության թագավորի համար։
― Մի խոսքով, այսպես թե այնպես, ― առարկեց դոն Կիխոտը, ― այս մարդկանց քարշ են տալիս և նրանք գնում են, ենթարկվելով բռնության և ոչ թե իրենց բարի կամքով։
― Հենց այդպես է, որ կա, ― պատասխանեց Սանչոն։
― Որ այդպես է, ― շարունակեց նրա տերը, ― հենց այստեղ է, որ ես պետք է կատարեմ իմ պարտականությունը՝ ոչնչացնեմ բռնությունը և նպաստեմ ու օգնեմ թշվառներին։
― Նկատի առեք, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― որ արդարադատությունը, այլապես ասած՝ ինքը թագավորը, ոչ թե բռնանում ու հալածում է այս մարդկանց, այլ միայն պատժում է նրանց ոճրագործությունների համար։
Այդ միջոցին տաժանակիր աշխատանքների դատապարտվածների շարանը մոտեցավ, և դոն Կիխոտը ամենասիրալիր արտահայտություններով խնդրեց պահակախմբից, որ բարի լինեն հայտնել և բացատրել իրեն պատճառը կամ պատճառները, թե ինչու են այդ մարդկանց նման կերպով տանում։ Պահակախմբից մեկը՝ ձիավորը, պատասխանեց, թե դրանք տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ են, նորին մեծության պատկանող մարդիկ և որ նրանց տանում են թիանավերի վրա աշխատեցնելու։ Ահա և ամենը, և ավելին իմանալու կարիք չունի նա։
― Այնուհանդերձ ես կկամենայի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― նրանցից ամեն մեկին հարց ու փորձ անել նրա դժբախտության պատճառի մասին։
Այս խոսքերին նա այնքան սիրալիրություններ ավելացրեց, որպեսզի նրան մղած լինի իր խնդիրը կատարելու, որ վերջապես պահակախմբի երկրորդ ձիավորն ասաց․
― Թեև մենք հետներս այս դժբախտների դատավճիռների լիակատար արձանագրությունները ստանում ենք, բայց հիմա ժամանակ չկա կանգ առնելու, թղթերը հանելու և կարդալու։ Ավելի լավ է, ձերդ ողորմածություն, մոտենաք նրանց ու հարց ու փորձ անեք, եթե նրանք ուզենան, իրենք կպատմեն ձեզ, իսկ նրանք անշուշտ կուզենան, որովհետև այս տղաների համար ավելի մեծ բավարարվածություն չի լինի, քան մուռտառություն անել կամ պատմել մուռտառ բաներ։
Ստանալով այս թույլտվությունը (առանց որի նա կարող էր շատ լավ յոլա գնալ), դոն Կիխոտը ձին քշեց շարանի մոտ և հարցրեց առաջին տաժանակիր աշխատանքի դատապարտվածից, թե ի՞նչ մեղքերի համար է այդպիսի ցավի մեջ ընկել։ Սա պատասխանեց, որ ընկել է, որովհետև սիրահարված է եղել։
― Ինչպե՞ս թե, միայն ու միայն դրա՞ համար, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Եթե բոլոր սիրահարվածներին թիանավերի վրա քշելու լինեին, ապա ես վաղուց հետև պիտի թիանավի վրա թիավարելիս լինեի։
― Ձերդ ողորմածությունն այն սիրո մասին չի խոսում, ― պատասխանեց դատապարտվածը։ ― Իմ սերն այն տեսակ էր, որ ես սպիտակեղենով մի կողովի վրա էի սիրահարված և այնպիսի կրքով էի այն սեղմել կրծքիս, որ եթե արդարադատությունը ուժով խլած չլիներ, ես մինչև օրս հոժարակամ չէի բաժանվի նրանից։ Ես բռնվեցի տեղն ու տեղը, ուստի տանջանք գործադրելով հարցաքննելու կարիք չեղավ և իմ գործով վճիռ կայացավ՝ մտրակով հարյուր հարված տվին մեջքիս, սրա վրա էլ երեք տարի գուրապ։[103]
― Գուրապն ի՞նչ բան է, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Գուրապը թիանավ է, ― պատասխանեց դատապարտվածը։
Դա մոտ քսանչորս տարեկան մի տղա էր, իր ասելով ծնված Պիյեդրաիտում։ Նույն հարցով դոն Կիխոտը դիմեց երկրորդին, բայց սա տխուր ու տրտում, շարունակում էր քայլել և ոչ մի խոսք չէր պատասխանում։ Նրա փոխարեն պատասխանեց առաջինը․
― Սրան, սինյոր, նրա համար են աքսորում, որ դեղձանիկ է եղել, այլ խոսքով երգիչ և երաժիշտ։
― Ինչպե՞ս թե, ― դարձյալ հարցրեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե երգիչ ու երաժիշտներն էլ են թիանավ քշում։
― Այո, սինյոր, ― պատասխանեց տաժանակիրը, ― ավելի վատ բան չի լինի, քան տագնապի պահին երգելը։
― Իսկ ես հակառակն եմ լսել, ― առարկեց դոն Կիխոտը, ― «ով որ երգում է, նրան դժբախտություն չի հասնում»։
― Իսկ այստեղ այլ կերպ է դուրս գալիս, ― ասաց տաժանակիրը, ― ով որ մի անգամ երգի, այլևս ողջ կյանքը արցունք կթափի։
― Բան չեմ հասկանում, ― հայտարարեց դոն Կիխոտը։ Սակայն այստեղ պահակախմբից մեկն ասաց նրան․
― Սինյոր կաբալյերո, այս ամբարիշների լեզվով տագնապի պահին երգելը կնշանակի՝ տանջանքով կատարած հարցաքննության միջոցին խոստովանելը։ Այս հանցագործին տանջել են և նա խոստովանել է իր ոճիրը։ Նա անասուն փախցնող է եղել, այսինքն, ամեն տեսակ անասուն է գողանալիս եղել և երբ որ նա խոստովանել է, նրան վեց տարով թիանավերի վրա աշխատանքի են կտրել, վրան էլ երկու հարյուր մտրակի հարված հասցրել, հետքը նրա մեջքի վրա է արդեն։ Նա մտախոհ ու վշտաբեկ զառանցում է, որովհետև մնացյալ խարդախները, որ նրա հետ գնում են, արհամարհում են նրան, նախատում, հոգին մաշում ու հալածում նրա խոստովանության համար, որ նա սիրտ չի ունեցել ուրանալու։ Որովհետև, ասում են նրանք, այո֊ն նույնքան տառ ունի, ինչքան և ոչ֊ը և որ յուրաքանչյուր հանցագործի համար մեծ շահ ունի այն, որ նրա կյանքն ու մահը կախված են ոչ թե վկաներից կամ փաստերից, այլ սեփական լեզվից։ Եվ ես կարծում եմ, որ նրանք բավական ճիշտ են դատում։
― Ես էլ նույն կարծիքի եմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Ապա նա մոտեցավ երրորդին և նրանից էլ նույն բանը հարցրեց, ինչ որ առաջին երկուսից։ Սա առանց քաշվելու և ժիր կերպով պատասխանեց․
― Ես հինգ տարով գնում եմ սինյոր գուբապների մոտ նրա համար, որ չունեի տասը դուկատ։
― Ես ամենայն սիրով ձեզ քսան դուկատ կտամ, միայն թե ձեզ այս դժբախտությունից ազատեմ, ― գոչեց դոն Կիխոտը։
― Սա նման է այն մարդուն, ― պատասխանեց տաժանակիրը, ― որ ծովի մեջ նստել է նավի վրա և շատ փող ունի, իսկ ինքը սովամահ է լինոմ, որովհետև ուտելիք չի գտնում, որ գնի։ Ասելս այն է, որ եթե այն միջոցին ես ունենայի այդ քսան դուկատը, որ առաջարկում է ինձ ձերդ ողորմածությունը, նրանք կքսեի իմ քարտուղարի գրչին և կթարմացնեի իմ պաշտպանի ուղեղը և հիմա զբոսնելիս կլինեի Տոլեդոյի Սոկոդովեր հրապարակում և ոչ թե քարշ կգայի այս ճամփով, կապված այս ոհմակին, որպես վազկան շուն։ Բայց մեծ է Աստված, համբերություն՝ բավական է դրա մասին խոսելը։
Դոն Կիխոտը անցավ չորրորդին։ Դա մի պատկառելի արտաքինով մարդ էր, մինչև գոտին երկար ու ճերմակ միրուքով։ Լսելով, որ իրենից հարցնում են, թե ինչպես է այստեղ ընկել, նա լաց եղավ առանց մի բան պատասխանելու։ Բայց հինգերորդ տաժանակիրը, նրա թարգմանը հանդիսանալով, ասաց․
― Այս պատկառելի մարդը դատապարտված է թիանավի վրա չորս տարի թիավարելու, իսկ նախապես նրան հանդիսավոր կերպով, ձիու վրա ման են ածել փողոցներով։
― Թվում է թե, ― ասաց Սանչո Պանսան, ― որ այլ կերպ ասած՝ նրան խայտառակության են հանել։
― Միանգամայն ճիշտ է, ― շարունակեց տաժանակիրը, ― իսկ հանցանքը, որի համար նրան այդպես պատժեցին, այն է, որ նա եղել է միջնորդ ոչ այնքան բորսային, որքան սիրային գործերում։ Ավելի պարզ՝ կավատ է եղել, համ էլ մի քիչ կախարդ։
― Եթե նա մի քիչ կախարդ չլիներ, ― ասաց դոն Կիխոտը, ― այլ միմիայն կավատ,[104] նա պետք է ոչ թե թիանավի վրա թիավարեր, այլ ղեկավար և հրամանատար լիներ, որովհետև կավատի արհեստը հեշտ ու փլավ չէ։ Այդ գործը պահանջում է բավականին խելք և բարեկարգ պետության մեջ ծայր աստիճան անհրաժեշտ է։ Դրանով ամենալավ ծագումով մարդիկ պիտի զբաղվեին, և ավելորդ չէր լինի նրանց վրա տեսուչներ և վերահսկողներ նշանակել, ինչպես այդ ընդունված է այլ պաշտոնավարություններում և նրանց թիվը պետք է լինի խիստ սահմանափակ, ինչպես, օրինակ, բորսային միջնորդների թիվը։ Այդ եղանակով հնարավոր կլիներ բազմաթիվ չարաշահություններ վերացնել, որոնք ծագում են նրանից, որ այդ պատշտոնն ու արհեստը հիմար ու անկիրթ մարդկանց ձեռքն է ընկնում, ինչպես գրոշ չարժեցող կանանց, լակոտների և դատարկապորտների, որ չափազանց երիտասարդ ու անփորձ են․ դժվար վայրկյանին, երբ որ անհրաժեշտ է խելք բանեցնել, գդալը բերնի կողքովն են տանում և չեն իմանում, թե իրենց աջ ձեռքը որտեղ է։ Ես շատ բան կասեի ևս այդ առիթով և կշարադրեի ձեզ, թե ինչու պետության համար այդքան կարևոր պաշտոնի պետք է ընդունել մարդկանց մեծ ընտրությամբ, բայց այդ բոլորի համար տեղը հարմար չէ։ Երբևիցե ես կզեկուցեմ այդ այն մարդկանց, որոնցից կախված է այդ ամենը կարգի գցելն ու շտկելը։ Իսկ հիմա կասեմ միայն, որ շատ ցավալի էր ինձ համար իմանալ, որ ալեզարդ և տեսքով այդքան պատկառելի մի մարդ պատժի է ենթարկված կավատության համար, սակայն իմ ցավը չքացավ, հենց որ դուք ավելացրիք, թե նա կախարդ էլ է եղել, թեև ես շատ լավ գիտեմ, որ աշխարհիս երեսին կախարդ չկա և որ ոչ ոք չի կարող հրահրել կամ բռնանալ մեր կամքին, ինչպես կարծում են շատ պարզամիտ մարդիկ։ Որովհետև մեր կամքն ազատ է և ոչ մի բույս կամ բժժանք չի կարող բռնանալ նրա վրա։ Իհարկե, զանազան սնահավատ կանայք և խաբեբաներ կարող են խմոր ու խոտ եփել, որոնցով մարդկանց խելքահան են անում, կոխելով նրանց գլուխը, թե ի վիճակի են սիրել տալ, բայց, ինչպես ես արդեն ասացի, անկարելի է բռնանալ մարդկային կամքի վրա։
― Դուք միանգամայն արդարացի եք, ― ասաց բարի ծերունին, ― և հավատացնում եմ ձեզ, սինյոր, որ ոչ մի կախարդանքի մեղք չունեմ ես, գալով, թե կավատ եմ եղել՝ չեմ ժխտի։ Միայն թե ես երբեք չեմ կարծել, թե վատ բան եմ անում, որովհետև ես մեկ բան եմ ուզեցել՝ որ աշխարհիս երեսին բոլոր մարդիկ վայելք ունենան, ապրեն խաղաղ ու հանգիստ, առանց թշնամանքի ու տանջանքի։ Եվ բոլոր այս բարի ցանկությունները ահա թե ինչ պտուղ տվին, ինձ քարշ են տալիս այնպիսի տեղեր, որտեղից այլևս հույս չունեմ վերադառնալու, որովհետև ծանրաբեռնված եմ տարիքով, համ էլ միզափամփուշտս այնպես է ցավում, որ ոչ մի վայրկյան հանգիստ չունեմ։
Այստեղ նա դարձյալ լաց եղավ և Սանչոյի մեղքն այնպես եկավ, որ գրպանից մի փոքրիկ ռեալ հանեց և տվեց դատապարտյալին՝ որպես ողորմություն։
Իսկ դոն Կիխոտն անցավ հետևյալին և հարցրեց, թե ինչ է նրա հանցանքը։ Սա շատ ավելի ժիր պատասխանեց, քան նախընթացը։
― Ես նրա համար եմ այստեղ ընկել, որ չափազանց եռանդուն էի զվարճանում իմ երկրորդական քույրերի և երկու ուրիշ քույրերի հետ, որ արդեն իմը չէին։ Զվարճանք֊զվարճանք և նրանով վերջացավ, որ իմ արյունակցական կապերն այնպես խճճվեցին, որ ինքը սատանան էլ հիմա գլուխ չի հանի։ Բանը բացվեց, ոչ ոք ինձ չպաշտպանեց, փող չունեի և ես արդեն վճռեցի, որ կախաղան կելնեմ։ Ինձ դատապարտեցին թիանավի վեց տարով․ ես չվիճեցի՝ մեղավոր եմ ― մեղավոր եմ։ Բայց ես երիտասարդ եմ, կյանքը դեռ առջևս է և ամեն ինչ մի կերպով կդրստվի։ Եթե ձերդ ողորմածությունը կարող է որևէ բանով մեզ օգնել, Աստված դրա համար ձեզ կվճարի երկնքում, իսկ մենք այստեղ՝ երկրի վրա, անդադար կաղոթենք ձերդ ողորմածության կյանքի և առողջության համար․ թող Աստված ձեզ երկար կյանք տա և բարի առողջություն, ինչպես դուք արժանի եք։
Խոսողը ուսանողի զգեստ էր կրում, և պահակախմբից մեկը հայտնեց նրա մասին, թե նա մեծ ճարտասան է և լատիներեն լավ իմացող է։
Ամենավերջինը՝ մոտ երեսուն տարեկան մարդ էր՝ շատ հրապուրիչ արտաքինով, թեև շիլ աչքերով։ Նա ուրիշների պես չէր կաշկանդված։ Նրա ոտին երկար շղթա կար, որ փաթաթված էր նրա ողջ մարմնին, իսկ վզին երկու երկաթե վզկապ կար՝ մեկը կպցրած էր շղթային, իսկ մյուսը, որ կոչվում է «հսկիր բարեկամին» կամ «բարեկամի ոտը», երկու երկաթե ձողերով գոտու մոտ միանում էր կապանքներին, որոնցով բռնված էին նրա ձեռքերը և կողպված էին ահագին կողպեքով, այնպես որ նա չէր կարող ձեռքը բերանը տանել, գլուխը թեքել և շրթունքը հասցնել ձեռներին։ Դոն Կիխոտը հարցրեց, թե ինչու այս մարդու կապանքներն ավելի շատ են։ Պահակը նրան պատասխանեց․
― Նրա համար, որ նա մենակ ավելի հանցանք է գործել, քան բոլոր մնացյալները միասին։ Համ էլ նա այն տեսակ լկտի ու ետ ընկածն է, որ բոլոր այդ շղթաներով կաշկանդելուց հետո էլ մենք հավատացած չենք և վախենում ենք, որ չլինի թե փախչի։
― Նրա հանցանքները որո՞նք են, ― հարցրեց դոն Կիխոտը, ― քանի որ նրան միմիայն թիանավի են դատապարտել։
― Նա տասը տարով է դատապարտված, ― պատասխանեց պահակը, ― իսկ դա միևնույն է՝ թե քաղաքացիական մահ։ Բավական է ձեզ ասեմ, որ այդ տղան հռչակավոր Խինես դե Պասամոնտեն է, իսկ այլ կերպ նրան անվանում են՝ Խինեսիլյո դե Պարապիլյա։
― Զգույշ, սինյոր, ― սկսեց խոսել տաժանակիրը, թողեք անուններ ու մականուններ տալը։ Իմ անունը Խինես է և ոչ թե Խինեսիլյո, և ես Պասամոնտեի ցեղից եմ՝ և ոչ թե Պարապիլյայի, ինչպես ձերդ ազնվությունն է պնդում։ Դուք լավ կանեիք ձեր ցեղի մասին մտածեիք, շատ հետաքրքրական բաներ կբանայիք։
― Սուս, սինյոր, առաջին կարգի ավազակ, ― պատասխանեց կոմիսարը, ― թե չէ ես քեզ կլռեցնեմ, ուզենաս թե չուզենաս։
― Ճիշտ են ասում, ― պատասխանեց դատապարտվածը, ― որ ամեն ինչ Աստծու կամքից է կախված։ Բայց կգա ժամանակ, և ոմանք կիմանան, թե իմ անունը Խինեսիլյո դե Պարապիլյա է, թե չէ։
― Չէ՞որ մարդիկ քեզ այդպես են կոչում, սրիկա, ― հարցրեց վերակացուն։
― Կոչելը կոչում են, ― պատասխանեց Խինեսը, ― բայց ես կստիպեմ նրանց, որ ինձ այդպես չկոչեն, թե չէ ես կփետեմ նրանց մազերը այն տեղերում, որոնց անունը տալը անհարմար է։ Սինյոր կաբալյերո, եթե դուք մեզ մի բան տալու եք՝ դե շուտ տվեք և գնացեք ձեր ճամփան։ Մեզ ձանձրացրին ձեր հարց ու փորձերը ուրիշի գործերի մասին։ Իսկ եթե կամենում եք ինձնից բան իմանաք, ահա՝ ես Խինես դե Պասամոնտեն եմ, և իմ կենսագրությունը ես ահավասիկ այս մատներովս գրել եմ։
― Այդ նա ճիշտ է ասում, ― նկատեց պահակը։ ― Նա, իրոք, նկարագրել է իր կյանքը, այն էլ այնպես, որ ավելի լավ անկարելի է, միայն թե գիրքը մնացել է բանտում, նա գրավ է դրել երկու հարյուր ռեալով։
― Բայց ես այն հետ կգնեմ, ― ասաց Խինեսը, ― թեկուզ ստիպված լինեմ վճարել երկու հարյուր դուկատ։
― Այդքան լա՞վն է, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Այնքան լավը, որ Լապարիլյո դե Տորմեսն էլ և բոլոր նման գրքերն էլ, որ երբևիցե գրված էին, կամ գրված կլինեն, չեն հասնի նրան։ Կասեմ միայն ձերդ ողորմածությանը, որ նրա մեջ ամեն ինչ ճշմարիտ է և այնքան գրավիչ ու զվարճալի է, որ ոչ մի հերյուրանք նրան չի հասնի։
― Իսկ վերնագիրն ի՞նչ է, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Խինես դե Պասամոնտեի կյանքը, ― պատասխանեց դատապարտվածը։
― Եվ ավարտվա՞ծ է, ― դարձյալ հարցրեց դոն Կիխոտը։
― Ինչպե՞ս կարող է ավարտված լինել, ― պատասխանեց Խինեսը, ― եթե իմ կյանքը դեռևս չի վերջացել։ Գրքում նկարագրված է ամբողջ իմ կյանքը՝ սկսած ծնունդիցս մինչև այն վայրկյանը, որ վերջին անգամ թիանավ ընկա։
― Ասել է թե՝ թիանավի վրա էլի՞ եք եղել, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ծառայելով Աստծուն ու թագավորին՝ ես անցյալ անգամ չորս տարի անց կացրի նրանց վրա և քարթու հացի ու մտրակի համը գիտեմ, ― պատասխանեց Խինեսը։ ― Սակայն ես այնքան էլ չեմ վշտանում, որ նորից եմ այնտեղ գնում։ Գրելու դեռ շատ բան է մնացել, իսկ իսպանական թիանավերի վրա աշխատողը այնքան ազատ ժամանակ է ունենում, որ չի իմանում ինչ անի։ Ասենք, իմ գրությունների համար շատ ժամանակ հարկավոր չի գա, որովհետև ես ամեն բան անգիր գիտեմ։
― Ղոչաղ տղա ես, ― ասաց դոն Կիխոտը։
― Եվ դժբախտ, ― ավելացրեց Խինեսը, ― որովհետև դժբախտությունը միշտ խելքը գլխին մարդկանց է հալածում։
― Դժբախտությունը անպիտաններին է հալածում, ― ընդհատեց պահակը։
― Ես արդեն ձեզնից խնդրեցի, սինյոր պահակ, ― ասաց Խինեսը, ― որ զգույշ լինեք։ Այս գավազանը խեղճերին կեղեքելու համար չեն հանձնել ձեզ, այլ նրա համար, որ մեզ տանեք և հասցնեք թագավորի նշանակած տեղը, թե չէ գետինը մտնեմ․․․ էլ մինչև վերջ չեմ ասում։ Լաքաները, որ դուք պանդոկում գցեցիք, միք անհանգստանա, կլվացվեն֊կանցնեն։[105] Ուստի թող ամեն ոք սուս անի, մարդավարի ապրի, ավելի լավ բառեր ընտրի։ Եվ եկեք առաջ գնանք՝ զվարճացանք և հերիք է։
Պահակը գավազանը քաշեց, որ խփի Պասամոնտեին, նրա սպառնալիքի համար։ Սակայն դոն Կիխոտը կանգնեց նրանց միջև և խնդրեց դատապարտյալին չծեծել։ Ի՞նչ մի մեծ բան է, եթե ամուր կապված ձեռներով մարդու լեզուն մի քիչ արձակ լինի։ Ապա նա դարձավ դատապարտվածների շարանին և ասաց․
― Այն ամենից, ինչ որ դուք ինձ պատմեցիք, թանկագին եղբայրներ, ես պարզ հասկացա հետևյալը՝ թեև դուք պատժված եք ըստ արժանվույն, սակայն առաջիկա պատիժը, ինչպես երևում է, ձեզ շատ էլ դուր չի գալիս և դուք թիանավերի վրա եք գնում մեծ դժկամությամբ և հակառակ ձեր կամքի։ Շատ հնարավոր է, որ ձեր կորստյան պատճառը եղել է՝ մեկինը՝ փոքրոգությունը հարցաքննության տանջանքի միջոցին, մյուսինը՝ փողի պակասությունը, երրորդինը՝ հովանավորների բացակայությունը, չորրորդինը՝ դատավորների անարդար վճիռը։ Ահա՛ թե ինչու ճշմարտությունը, որ ձեր կողմն է եղել, չի հաղթանակել։ Բոլոր այդ հանգամանքները իմ միտս են գցում և ասում, համոզում ու անգամ հարկադրում ինձ ցույց տալու ձեզ, թե ինչ նպատակով է Աստված ինձ աշխարհ բերել, հրամայել, որ հարեմ ասպետական ուխտին, որի մեջ եմ նեկայիս, և ուխտ անել, որ պաշտպանելու եմ աշխարհիս զորավորերի կողմից բոլոր զրկվածներին ու կեղեքվածներին։ Բայց ես գիտեմ ― և դա խոհեմության կանոններից մեկն է, ― որ պետք չէ ուժ գործ դնել այնտեղ, որտեղ ամեն ինչ կարելի է խաղաղ դրստել, ուստի ես նախապես կհարցնեմ սինյոր պահակներից՝ չե՞ն հաճի արդյոք նրանք արձակել ձեր կապանքներն ու բաց թողնել խաղաղությամբ։ Որովհետև միշտ կգտնվեն մարդիկ, որ պատրաստ կլինեն ծառայելու թագավորին և առավել նպաստավոր պայմաններում, իսկ ինձ սաստիկ խստասրտություն է թվում ստրուկ դարձնել նրանց, որոնց Աստված ու բնությունը ազատ են ստեղծել։ Առավել ևս, սինյոր պահակներ, ― ավելացրեց դոն Կիխոտը, ― որ այս դժբախտները ձեր դեմ չեն մեղանչել։ Թո՛ղ յուրաքանչյուրը ի՛ր մեղքը տանի՝ կա Աստված երկնքում, և նա արթուն պատժում է չարության և պարգևատրում բարության համար, իսկ ազնիվ մարդիկ պետք չէ, որ ուրիշների համար դահիճ դառնան, մանավանդ որ նրանց հետ ոչ մի գործ չունեն։ Ես խնդրում եմ ձեզնից մեղմությամբ ու հեզությամբ, որպեսզի տեղիք լինի ձեզ շնորհակալ լինելու, եթե դուք իմ խնդիրքը կատարելու լինեք։ Իսկ եթե դուք հոժարակամ կատարելու չլինեք, այս նիզակը և թուրը և իմ բազկի զորությունը կհարկադրեն որ անեք հակառակ ձեր ցանկության։
― Այս ի՜նչ հիմար կատակ է, ― բացականչեց պահակներից մեկը։ ― Տեսեք թե ի՜նչ դատարկ բաներ է դուրս տալիս։ Նա կամենում է, որ մենք բաց թողնենք պետական հանցագործներին, կարծես թե մենք ունենք իշխանություն նրանց կապանքներն արձակելու, իսկ ինքը ունի իրավունք մեզ նման հրամաններ տալու։ Գնացեք, ձերդ ողորմածություն, բարով֊խերով, համ էլ ձեր գլխի ամանն ուղղեցեք և միք որոնի կատվի հինգերորդ ոտը, սինյոր։
― Դուք ինքներդ եք կատու, անասուն և գարշելի, ― գոչեց դոն Կիխոտը և այս խոսքերով այնպիսի արագությամբ հարձակվեց նրա վրա, որ նա ժամանակ չունեցավ պատրաստվելու հարվածին և գետին գլորվեց՝ սաստիկ ջարդված նիզակի հարվածից։
Դոն Կիխոտի բախտը բերեց, որովհետև հենց այդ պահակն էր զինված պատրույգավոր հրացանով։ Մնացածները շփոթվեցին և գլուխները կորցրին այդպիսի անսպասելի եղելությունից։ Բայց ուշքի գալով ձիավորները հանեցին թրերը, իսկ ֆիադաները՝ նիզակները և բոլորը միասին հարձակվեցին դոն Կիխոտի վրա, որ նրանց սպասում էր մեծ պաղարյունությամբ։ Եվ, անշուշտ, նրա բանը բուրդ կլիներ, եթե տաժանակիրները, տեսնելով, որ նրանց ազատվելու առիթ է ներկայանում, իրենց բոլոր ուժերը չլարեին և չխորտակեին իրենց կաշկանդող շղթաները։ Իրարանցում տիրեց։ Պահակները չգիտեին, թե ինչ անեն՝ տաժանակիրների վրա՞ հարձակվեն, որ կամաց֊կամաց ազատվում էին, թե՞ նրանց վրա տվող դոն Կիխոտից պաշտպանվեն, և, ընդհանրապես, դրանից բան դուրս չէր գալիս։ Իսկ Սանչոն այդ պահին օգնեց Խիմես դե Պասամոնտեին կապանքները արձակել և նա, շթայազերծ եղավ թե չէ, մոտ վազեց վայր ընկած պահակին, խլեց նրա ձեռքից հրացանն ու թուրը և սկսեց հերթով դեմ անել պահակներին մեկ թրի բերանը, մեկ հրացանի բերանը։ Սակայն հրացան արձակելը գլուխ չեկավ, որովհետև շուտով ռազմի դաշտում ոչ մի թշնամի չմնաց՝ նրանք բոլորն էլ փախուստ էին տվել Պասամոնտեի հրացանից և մնացած դատապարտվածների քարկոծությունից։ Այդ հանգամանքը շատ վշտացրեց Սանչոյին, որովհետև նա վճռեց, որ փախածները ամեն ինչ կհասցնեն Սանտա Հերմանդադի ականջին, իսկ վերջինս ահազանգ կտա և կաշխատի վրա հասնել ոճրագործներին։ Նա այդ մասին հաղորդեց իր տիրոջը և սկսեց համոզել նրան՝ որքան կարելի է շուտ հեռանալ և այստեղից ոչ հեռու գտնվող լեռնային կիրճերի խորքերում պատսպարվել։
― Լավ, ― ասաց դոն Կիխոտը, ― ես գիտեմ, թե մենք հիմա ինչ պիտի անենք։
Ապա նա հավաքեց տաժանակիրներին, որոնք անկարգ այս ու այն կողմ էին գնացել, նախապես կողոպտելով պահակին և թողնելով մորեմերկ։ Բոլորը եկան և շրջան կազմեցին սպասելով նրա հրամանին, և դոն Կիխոտն այսպես սկսեց․
― Երախտապարտ մարդիկ միշտ շնորհակալ են լինում իրենց բարերարներին։ Ոչ մի մեղք այնքան չի զայրացնում Աստծուն, ինչքան ապերախտությունը։ Ասելս այն է, սինյորներ, որ դուք նոր, սեփական փորձով համոզվեցիք, որ ես ձեր բարերարն եմ։ Փոխարենը ես ցանկանում եմ ― և այդ է իմ կամքը, ― որ դուք դնեք ձեր ուսերին շղթաները, որոնցից ես ձեզ ազատեցի, և անհապաղ ճամփա ընկնեք և գնաք Տաբոսո քաղաքը։ Այնտեղ դուք կներկայանք տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն և կասեք նրան, թե նրա Տխուր Պատկերի Ասպետը ողջույն է ուղարկում նրան և ապա բոլոր մանրամասնություններով կպատմեք նրան այն փառավոր արկածի մասին, որին դուք պարտավոր եք ձեր ըղձալի ազատագրությամբ։ Այդ անելուց հետո դուք կարող կլինեք գնալ բարով, ուր որ կամենաք։
Բոլոր դատապարտվածների փոխարեն Խինես դե Պասամոնտեն պատասխանեց՝ խոսելով այսպես․
― Սինյոր փրկիչ, ոչ մի կերպ հնարավոր չէ կատարել այն, ինչ որ ձերդ ողորմածությունը մեզ հրամայում է, որովհետև կարելի չէ, որ մենք բոլորս միասին գնանք միևնույն ճամփով։ Մենք կբաժանվենք, և յուրաքանչյուրը մենակ կերթա իր կողմը և կաշխատի երկրագնդի ծոցում թաքնվել, որպեսզի Սանտա Հերմանդադի ձեռը չընկնի, որ, անկասկած, մեր ետևից կընկնի։ Սակայն ձերդ ողորմածությունը կարող էր ահա թե ինչ անել ― և դա արդարացի կլիներ։ Փոխանակ տիրուհի Դուլսինեային այցելելու և ողջունելու, հրամայեցեք որոշ թվով Ave Maria և Credo ասել, և մենք կասենք և կաղոթենք ձերդ ողորմածության համար, որովհետև այդ բանն իրագործելի է ցերեկով է՛լ, գիշերն է՛լ, փախուստի պահին է՛լ, հանգստյան միջոցին է՛լ, խաղաղության ժամանակ է՛լ, կռվի ատեն է՛լ։ Սակայն երևակայել, թե մենք հիմա կվերադառնանք մեր եգիպտական կաթսաների քով, այսինքն՝ մեր շղթաներին և ճամփա կընկնենք Տաբոսո, միևնույն է՝ թե կարծել, որ հիմա գիշեր է, երբ որ, իրոք, դեռ առավոտյան ժամի տասը չկա և խնդրել մեզնից այդ բանը ― միևնույն է՝ թե ծփիի ծառի վրա տանձ որոնես։
― Ուրեմն՝ երդվում եմ ես, ― գոչեց դոն Կիխոտը տաքացած, ― դոն անպիտան, դոն Խինեսիլյո դե Պարոպիլյո կամ ինչ որ է ձեր անունը, դուք մենակ կերթաք այնտեղ պոչերդ ձեզ քաշած և ձեզ վրա քարշ կտաք ողջ շղթան։
Պասամոնտեն շատ էլ համբերողներից չէր (համ էլ նա նկատել էր, որ դոն Կիխոտի խելքը տեղը չէ՝ չէ՞ որ նա այնպիսի անմտություն էր հնարել, ինչպես տաժանակիր աշխատանքի դատապարտվածներին բաց թողնելը), ուստի լսելով մեր ասպետի վիրավորական խոսքերը, նա աչքով արեց իր ընկերներին, և նրանք բոլորն էլ մի կողմ քաշվեցին։ Եվ դոն Կիխոտի վրա քարերի մի այնպիսի կարկուտ տեղաց, որ նա չէր կարողանում ծածկվել վահանով, իսկ խեղճ Ռոսինանտը խթաններն այլևս չէր զգում, ասես թե բրոնզից շինած լիներ։ Սանչոն թաքնվեց իր էշի հետևը և այդպիսով պաշտպանվեց կարկուտից, որ տեղում էր երկուսի վրա էլ։ Ինչքան էլ դոն Կիխոտը խույս էր տալիս հարվածներից, դարձյալ մի քանի քար այնպիսի ուժով դիպավ նրան, որ նա վայր ընկավ, ուսանողը հարձակվեց նրա վրա, պոկեց նրա գլխից լագանը, որով երեք֊չորս անգամ խփեց մեր ասպետի մեջքին, ապա նա նույնքան անգամ գետին խփեց, այնպես որ ջարդ ու փշուր արեց։ Ապա դատապարտյալները հանեցին նրա վրայից կապան, որ նա զրահների վրայից էր հագնում և ուզում էին գուլպաներն էլ քաշել հանել, բայց նրա ոտի զրահները խանգարեցին։ Նրանք խլեցին Սանչոյի վերնարկը և թողին վրայի շորը։ Վերջապես իրար մեջ բաժանելով մնացած ռազմական ավարը՝ նրանք ցրվեցին ամեն մեկը իր կողմը, հոգալով միայն, որ կարողանան փախչել ահասաստ Սանտա Հերմանդադից, և բնավ չմտածելով շղթան իրենց ուսերի վրա գցել և տիրուհի Դուլսինեա Տոբոսցու մոտ գնալ։
Մնացին միայն էշն ու Ռոսինանտը, Սանչոն ու դոն Կիխոտը։ Էշը մնացել էր կանգնած, գլուխը մտախոհ քաշ արած և ժամանակ առ ժամանակ թափ տալով ականջները, երևի երևակայելով, թե քարե կարկուտը դեռ չի պրծել, որովհետև նրա ականջները դեռ խշխշում էին։ Ռոսինանտը պառկած է գետնին, իր տիրոջ կողքին, որովհետև քարերի հարվածները նրան էլ էին տապալել։ Սանչոն, որ զրկվել էր իր վերնարկից, դողդողում էր Սանտա Հերմանդադի ահից, իսկ դոն Կիխոտը խորապես վշտացած էր, որ իրենից բարերարված մարդիկ այնքան վատ վարվեցին հետը։
Գլուխ XXIII
Այն մասին, թե ինչ պատահեց հռչակավոր դոն Կիխոտին Սյերա֊Մորենում, այլ կերպ ասած՝ ամենահազվադեպ արկածներից մեկի մասին, որ զրուցում է այս ճշմարտապատում պատմությունը
Տեսնելով, թե ինքն ի՜նչ ցավալի դրության մեջ է ընկել, դոն Կիխոտն ասաց իր զինակրին․
― Շատ անգամ ես լսել եմ, Սանչո, որ կոպիտ մարդկանց լավություն անելը ― միևնույն է, թե ջուր ածես ծովը։ Եթե ես հավատայի քո խոսքերին, այս անախորժությունից խուսափած կլինեի։ Բայց քանի որ եղածը եղել է, համբերենք և աշխատենք խելք ու խրատ սովորել։
― Ձերդ ողորմածությունը խելք ու խրատ կսովորի, ― պատասխանեց Սանչոն, ― երբ որ ես թուրք դառած կլինեմ։ Բայց քանի որ դուք ասում եք, թե եթե ինձ հավատայիք, այդ աղետից խուսափած կլինեիք, ապա հավատացեք հիմա, և դուք վատթարագույնից կխուսափեք։ Որովհետև, կզեկուցեմ ձեզ, Սանտա Հերմանդադի դեմ ձեզ չի օգնի ձեր ասպետությունը։ Սանտա Հերմանդադը բոլոր թափառական ասպետներին կոտրված գրոշով չի գնի։ Գիտե՞ք ինչ, ինձ արդեն թվում է, թե նրա նետերը բզզում են հենց իմ ականջների կողքով։
― Դու բնականից վախկոտ ես, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Բայց որպեսզի դու ասած չլինես, թե ես համառ եմ և երբեք չեմ անում այն, ինչ որ դու ինձ խորհուրդ ես տալիս, այս անգամ ես կհետևեմ քո խորհրդին և կհեռանամ ցասումից, որից դու այնքան վախենում ես, բայց մի պայմանով միայն՝ դու երբեք, ո՛չ կենդանի, ո՛չ մահից հետո ոչ ոքի չես ասի, թե ես՝ երկյուղից խույս տվի և հեռացա այս վտանգից, որովհետև ես այդ միմիայն նրա համար եմ անում, որ անսում եմ քո աղաչանքներին։ Իսկ եթե դու որևէ այլ բան ասելու լինես, դու կստես,[106] և ես այսօրվանից մինչ ա՛յն օրը և ա՛յն օրից մինչև հիմա երեսովդ եմ տալիս քո սուտը և հայտարարում, որ դու ստում ես և կստես ամեն անգամ, երբ այդպես խորհելու կամ խոսելու լինես։ Եվ մի՛ առարկիր ինձ, որովհետև միայն այն միտքը, թե ես հեռանում ու խուսափում եմ վտանգից, որ, գուցե և կարող է ներշնչել երկյուղի ստվերը, կարող է ինձ պահել այստեղ և ես մեն֊մենակ կսպասեմ ոչ միայն սուրբ միաբանությանը, որի մասին դու սարսափով ես խոսում, այլև Իսրայելի տասներկու սերունդի եղբայրներին, Մակաբայեցի յոթ եղբայրներին, այլև Կաստորին և Պոլլուքսին և բոլոր եղբայրներին ու միաբանություններին, որ աշխարհիս երեսին գոյություն ունեն։
― Սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― հեռանալ չի նշանակի փախչել, իսկ սպասել թշնամուն, երբ որ վտանգը գերազանցում է բոլոր ենթադրությունները, ― կատարյալ խելագարություն է։ Խոհեմությունը պահանջում է, որ մարդս իրեն պահպանի այսօր վաղվան համար և ամեն ինչ թղթի վրա վեր չգալ մեկ օրում։ Եվ իմացած եղեք, թեև ես տգետ եմ և գեղջուկ, այնուամենայիվ շատից֊քչից գլուխ եմ հանում, թե խելացի վարքը որն է, ուստի մի ափսոսա, որ լսեցիք իմ խորհուրդը՝ հեծեք Ռոսինանտը, եթե միայն ի վիճակի եք, իսկ եթե չեք կարող ապա ես ձեզ կօգնեմ և եկեք իմ հետևից, որովհետև իմ խելքն այնպես է կտրում, որ հիմա մեզ ոտները ձեռներից ավելի են հարկավոր։
Դոն Կիխոտը ոչ մի խոսք չառարկեց․ ձի հեծավ և հետևեց Սանչոյին, որ էշով էր գնում։ Շուտով նրանք հասան Սյերրա֊Մորենա, որ հեռու չէր։ Սանչոն ծրագիր ուներ սարերն անցնելու, հասնելու Վիսո կամ Ալվադոմար դել Կամպո և այնտեղ մի քանի օր թաքնվել լեռներում, որպեսզի հետապնդության դեպքում Սանտա Հերմանդադը նրանց գտնել չկարողանա։ Այդ մտադրությունը պաշտպանվում էր այլև այն հանգամանքով, որ տաժանակիր դատապարտվածների հետ ունեցած տուրուդմբոցից հետո նրա ուտելիքների ողջ պաշարը որ նա տանում էր իր էշի վրա, մնացել էր անվնաս, մի բան, որ նրան հրաշք էր թվում, որովհետև տաժանակիրները քրքրել և խլել էին, ինչ որ կարողացել էին։
Իրիկնադեմին նրանք հասան Սյերրա֊Մորենայի խորքերը, և Սանչոն ենթադրում էր այստեղ անց կացնել գիշերը և էլի մի քանի օր, համենայն դեպս՝ նստել այստեղ, մինչև որ պաշարը կսպառվի։ Նրանք տեղավորվեցին գիշերելու կաղնիների տակ՝ երկու ժայռի արանքում։ Սակայն ճակատագրական բախտը, որ ճշմարիտ հավատի լույսը չճանաչողների կարծիքով ամեն ինչ ղեկավարում, գոյացնում և ուղղում է, այնպես դասավորվեց, որ հռչակավոր գող ավազակ Խինես դե Պասամոնտեն, որ դոն Կիխոտի արիության և խելագարության շնորհիվ ազատվել էր կապանքներից, Սանտա Հերմանդադի երկյուղից վճռել էր (իսկ նա բավականաչափ հիմք ուներ Սանտա Հերմանդեդից երկյուղ կրելու) թաքնվել այս լեռներում և պատահմամբ, դեռ մութը չընկած, երկյուղը նրան բերեց նույն տեղը, որտեղ թաքնվել էին դոն Կիխոտն ու Սանչո Պանսան։ Իսկույն նրանց ճանաչելով, նա սպասեց, մինչև որ նրանք քնեն։ Եվ որովհետև չարագործները միշտ ապերախտ են լինում, իսկ անհրաժեշտությունը մղում է անթույլատրելի գործեր կատարելու, և ներկայիս շահը ավելի գրավիչ է լինում, քան շահն ապագայում, ― բոլոր այս պատճառներով Խինեսը, որ ո՛չ երախտապարտության զգացմունքով էր աչքի ընկնում, ո՛չ էլ բարեմտությամբ, վճռեց Սանչո Պանսայի էշը գողանալ (Ռոսինանտին հանգիստ թողեց, որովհետև այդ ավարը նրան անպետք էր թվում թե՛ վաճառքի, թե՛ գրավ դնելու համար)։ Սանչո Պանսան քնած էր։ Խինեսն էշը գողացավ։ Եվ լույսը դեռ չբացված նա այնքան հեռու էր փախել, որ նրան գտնելն արդեն անկարելի էր։
Արշալույսը բացվեց, արար աշխարհին ուրախություն բերեց, իսկ Սանչո Պանսային՝ տխրություն, որովհետև նրա գորշ ավանակը նրա հետ չէր։ Եվ ահա, նկատելով կորուստը, նա ամենաաղեկտուր ու ցավագին հոգոցներ սկսեց հանել, այնպես որ նրա ձայնից արթնացավ դոն Կիխոտը և լսեց այսպիսի խոսքեր․
― Օ՜, իմ սիրասուն զավակս, իմ սեփական տանը ծնված, իմ երեխաների զվարճալիքը, իմ կնոջ խնդությունը, իմ հարևանների նախանձը, օ՜, իմ աշխատանքներին ուրախություն տվողը, իմ անձի ողջ կեսի կերակրողը, որովհետև այն քսանվեց մարավեդիսը, որ օրական աշխատում էիր, իմ ապրուստի կեսն էր։
Դոն Կիխոտը, լսելով այս ողբը և իմանալով նրա պատճառը, սկսեց կարյաց չափ մխիթարել Սանչոյին, խնդրելով, որ համբերի և խոստանալով թուղթ տալ, որով նա կարող է ստանալ իր տանը մնացած հինգ էշերից երեքը։ Դա մխիթարեց Սանչոյին։ Նա սրբեց արցունքը, զսպեց հեծկլտոցը և շնորհակալություն հայտնեց դոն Կիխոտին նրա ցույց տված ողորմածության համար։
Այնինչ դոն Կիխոտը հենց որ լեռներն ընկավ, իսկույն ցնծաց, որովհետև այդ տեղերը նրան թվացին շատ հարմարավոր արկածներ որոնելու համար։ Նրա միտքն էին գալիս հրաշալի եղելություններ, որ պատահել են թափառական ասպետներին նման ամայի և դժնի վայրերում։ Եվ նա այնպես էր հարբած ու հափշտակված իր այդ մտքերով, որ գնում էր՝ ամեն ինչ աշխարհիս երեսին մոռացած։ Իսկ Սանչոն, վերջապես իրեն անվտանգ զգալով, միայն այն էր խորհում, թե ինչպես հագեցնի իր ստամոքսը պաշարով, որ մնացել էր վանականների բեռներից։ Այսպես նա քարշ էր գալիս իր տիրոջ հետևից, շալակած այն ամենը, ինչ որ պիտի գորշ ավանակը տաներ և հա՛ հանում էր պարկից կտորներ և կոխում բերանը։ Նա ոչ մի գրոշ չէր տա որևէ արկածի համար, հենց այսպես թափառելը նրան ամենից հաճելի բանն էր թվում։
Հանկարծ նա աչքերը բարձրացրեց և տեսավ, որ իր տերը կանգ է առել և աշխատում է նիզակի ծայրով ինչ֊որ կապոց բարձրացնել, որ ընկած էր գետնին։ Նա արագ մոտեցավ, որպեսզի բան է, թե իր օգնությունը պետք լինի, օգնի և մոտենալով տեսավ, որ դոն Կիխոտը նիզակի ծայրով մի պայուսակ է բռնել, որին կապած էր մի ճամպրուկ։ Նրանք կիսով չափ փտել էին կամ, ավելի լավ կլինի ասել, բոլորովին փտել ու քրքրվել էին, բայց այնքան ծանր էին, որ Սանչոն վեր եկավ ավանակից,[107] որ բարձրացնի։ Դոն Կիխոտը հրամայեց, որ նա նայի, թե ինչ կա ճամպրուկի մեջ։ Սանչոն կատարեց մեծ արագությամբ և թեև ճամպրուկը կապած էր շղթայով և կողպած կողպեքով, այնուամենայիվ Սանչոյին հաջողվեց տեսնել նրա բովանդակությունը ― այնքան նա փտած ու ջարդված էր։ Մեջը նուրբ հոլանդական կտավից չորս շապիկ կար և այլ շքեղ և բոլորովին մաքուր սպիտակեղեն, իսկ թաշկինակի մեջ փաթաթված բավական քանակությամբ ոսկի դրամ կար։ Տեսնելով դրամը՝ Սանչոն բացականչեց․
― Շնորհակալություն երկնքին, որ մեզ այսքան շահավետ արկած է ուղարկել։
Ապա նա սկսեց քրքրել և գտավ մի հուշատետր, շքեղ կազմով։ Դոն Կիխոտը հրամայեց Սանչոյին տետրը տալ իրեն, իսկ փողը պահել իրեն։ Սանչոն համբուրեց նրա ձեռները, շնորհակալ լինելով նվերի համար և, հանելով ճամպրուկից ճերմակեղենը, տեղավորեց իր պարկի մեջ, որտեղ պաշարն էր դրված։ Դոն Կիխոտը տեսնելով այդ, ասաց․
― Ինձ թվում է, Սանչո, ասենք՝ այլ կերպ չի էլ կարող լինել, որ այս լեռներով ինչ֊որ մոլորված ճամբորդ է անցնելիս եղել և, երևի ավազակները հարձակվել և սպանել են նրան, իսկ դիակը բերել են այստեղ, որպեսզի թաքուն տեղում թաղեն։
― Այդ չի կարող լինել, ― առարկեց Սանչոն, ― որովհետև եթե ավազակներ լինեին, նրանք փողը չէին թողնի։
― Ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― բայց ես չեմ կարող հասկանալ և լուծել, թե ինչ է դա։ Սպասիր, թերևս այս հուշատետրում գրված լինի մի բան, որ մեզ շիտակ ճամփան հանի և բացատրի մեզ այն, ինչ մենք ուզում ենք իմանալ։
Արդյոք Ամո՞ւրն է խակամիտ, այնքան չար
Եվ անողորմ․․․ թե՞ վշտերն այս անամոք,
Որ սրտիցս կորզում են լաց ու մորմոք,
Ունեն, ավա՜ղ, ուրիշ սկիզբ ու պատճառ։
Սակայն չէ՞ որ Ամուրն աստված է հզոր,
Աստված պիտի լինի բարի, կարեկից․․․
Էլ ո՞վ հապա տվեց ինձ վերք ու կսկիծ
Եվ տվայտանք՝ այսքան քա՜ղցր ու ահավոր։
Թե ասեմ՝ դուք Թի՛լի, այդ ճիշտ չի լինի,
Քանզի մեկ տեղ չեն լինի չարն ու բարին․․․
Բայց երկինքն էլ չի առաքել վիշտն այս ինձ։
Մի բան գիտեմ, մի բան է լոկ ինձ հայտնի,
Որ օրեցօր մոտենում եմ իմ շիրմին,
Եվ հրա՜շքը ինձ կփրկի այս ցավից։
― Այս ոտանավորից բան չի իմացվի, ― ասաց Սանչոն, ― բայց թե միգուցե այս թելը բռնելով մենք կարողանանք ողջ կծիկը քանդել։
― Իսկ որտե՞ղ է թելը, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ինձ թվաց, ― պատասխանեց Սանչոն, ― թե ձերդ ողորմությունը ինչ֊որ թելի մասին կարդաց։
― Թելը չէր, այլ Թիլի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այդպես է կոչվում երևի այն տիկինը, որից այս սոնետի հեղինակը գանգատվում է։ Եվ, ազնիվ խոսք, նա վարպետ բանաստեղծ է, եթե ես բանաստեղծությունից մի բան հասկանում եմ։
― Ինչպե՜ս, ձերդ ողորմածությունը բանաստեղծությունի՞ց էլ է գլուխ հանում, ― հարցրեց Սանչոն։
― Ավելի, քան դու ենթադրում ես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Դու կհամոզվես, երբ որ ես քեզ իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն տանելու համար կտամ նամակ՝ վերից վար ոտանավորով գրած։ Որովհետև, Սանչո, պետք է իմացած լինես, որ անցյալի գրեթե բոլոր թագավորական ասպետները մեծ գուսաններ են եղել և մեծ երաժշտագետներ, որովհետև այդ երկու ունակությունը, կամ ավելի լավ կլինի ասել, այդ երկու շնորհը, միշտ հատուկ են եղել սիրահարված թափառական ասպետներին։ Ճիտ է, որ հին ասպետների ոտանավորներում ավելի կրակ կար քան արհեստ։
― Կարդացեք տեսնենք, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― թերևս մեջը այնպիսի բան գտնվի, որ բավարարի մեր հարցասիրությունը։
Դոն Կիխոտը էջը շուռ տվեց և ասաց․
― Սա արձակ է և, կարծեմ, նամակ։
― Պետակա՞ն, ― հարցրեց Սանչոն։
― Սկզբից դատելով՝ սիրահարական է, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Ձերդ ողորմածություն, բարձր կարդացեք, ― խնդրեց Սանչոն, ― ես սաստիկ սիրում եմ սիրահարական գործերը։
― Սիրով, ― պատասխանեց դոն Կիխոտը և Սանչոյի խնդրանոք բարձր կարդաց հետևյալը․
«Քո սուտ խոստումները և իմ անսուտ վիշտը ստիպում են ինձ հեռանալ այն տեղերը, որտեղից քո ականջին ավելի շուտ կհասնի իմ վախճանի լուրը, քան իմ տվայտանքի ձայնը։ Դու լքեցիր ինձ, անզգա՛, նրա համար, որ ինձնից հարուստ է, բայց ո՛չ ավելի արժանավոր։ Եթե առաքինությունը գնահատվեր որպես մեծ գանձ, ես հարկադրված չէի լինի ուրիշի երջանկությանը նախանձելու և իմ չարաբաստիկ օրը ողբալու։ Այն, ինչ կառուցել է քո գեղեցկությունը, քանդել է քո վարմունքը։ Քո գեղեցկությունն ինձ հավատացրեց, թե դու հրեշտակ ես, իսկ քո վարմունքը ցույց տվեց, որ դու կին ես։ Մնա խաղաղությամբ, իմ տագնապի մեղապարտ, և թող երկնքին հաճելի լինի, որ քո ամուսնու ուխտադրժությունը երբեք չբացվի և դու հարկադրված չլինես զղջալու քո արածի համար, իսկ ինձ՝ վրեժ լուծած լինելու, որ չեմ տենչում»։
Կարդալով նամակը՝ դոն Կիխոտն ասաց․
― Այս նամակից ավելի քիչ բան կարելի է հետևցնել, քան ոտանավորից։ Մի բան պարզ է, որ գրողը ինչ֊որ մերժված սիրահար է։
Թերթելով ամբողջ հուշատետրը, նա ուրիշ ոտանավորներ ու նամակներ էլ գտավ, որոնցից մի քանիսը նրան հաջողվեց կարդալ, իսկ մի քանիսը՝ ոչ։ Բոլորի մեջ գանգատ կար, հեծեծանք, տրտունջ, խնդություն ու տրտմություն։ Ողորմածությունները գովաբանվում էին և դաժանությունը ողբվում։ Մինչդեռ դոն Կիխոտը աչքի էր անց կացնում տետրը, Սանչոն զննում էր ճամպրուկն ու պայուսակը, և այնպիսի ծակ ու ծուկ չմնաց, որ նա ձեռք չկոխեր, չքրքրեր, չհետազոտեր։ Նա քանդում էր բոլոր կարերը, հանում միջից բրդի յուրաքանչյուր ծվեն, վախենալով անփութությունից կամ եռանդի պակասությունից մի բան բաց թողնել։ Ահա՛ թե ինչ եռանդ էր ներշնչել նրան հարյուր չերվոնեցի գյուտը։ Եվ թեև նա գտածից ավելի ոչ մի չերվոնեց չգտավ, այնուամենայիվ, նա որոշեց, որ զուր չէր կրել և՛ թռիչքները վերմակի վրա, և լուծողական դեղ ընդունելը, և՛ օրհնությունը մահակներով, և՛ ջորեպանի մուշտե դատաստանը, և՛ պայուսակի կորուստը, և՛ վերնարկի կորուստը, և՛ քաղցը, և՛ ծարավը, և՛ հոգնությունը, որ նա կրեց, ծառայելով իր բարի տիրոջը՝ այդ ամենի համար նա ավելի քան բավական վարձատրված էր ողորմածությամբ դոն Կիխոտի, որ նվիրեց նրան այս գտածոն։
Տխուր Պատկերի Ասպետը սաստիկ ուզում էր իմանալ, թե ճամպրուկն ումն է։ Սոնետի, նամակի, չերվոնեցների և շատ լավ շապիկների հիման վրա նա ենթադրում էր, որ այդ ամենի տերը ազնվական մարդ է, ինչ֊որ տիկնոջ սիրահարված, և սիրած կնոջ արհամարհական և խստասիրտ վերաբերմունքը նրան հասցրել էր ինչ֊որ հուսահատական քայլի։ Սակայն այս լեռնային կիրճերում մարդ չկար, որից նա մեկնություն խնդրեր, ուստի նա, առանց երկար և բարակ խորհելու առաջ գնաց ուղիով, որ ընտրել էր Ռոսինանտը, որը այնտեղով էր գնում, որտեղ նրա համար ավելի հարմար էր։ Դոն Կիխոտին տիրել էր հաստատ հավատ, որ այս խուլ ու խոր վայրերում պատահելու է մի զարմանալի արկած։
Խորասուզված այս մտքերի մեջ՝ նա մի փոքրիկ սարի կատարին հանկարծ, դեմ առ դեմ ինչ֊որ մարդ տեսավ, որ արտասովոր արագությամբ թռչում էր մեկ ժայռից մյուսը, մեկ թփից մյուսը։ Նրան թվաց, թե մարդը մերկ է, որ նա թավ ու սև մորուք ունի, մի խուրձ գզգզված մազեր, մերկ ոտներ ու ծնկներ։ Նրա ազդրերը ծածկված էին վարտիքով, ըստ երևույթին, շեկ թավշից, որ վաղուց հետև ցնցոտիի էր վերածվել, որի ծակուծուկերից երևում էր մերկ մարմինը։ Նա գլխաբաց էր։ Եվ թեև, ինչպես մենք արդեն ասացինք, նա սաստիկ արագությամբ սլացավ, այնուհանդերձ Տխուր Պատկերի Ասպետն այս բոլոր մանրամասնությունները տեսավ ու նկատեց։ Նա կամեցավ ընկնել անծանոթի հետևից, բայց չկարողացավ, որովհետև վատույժ Ռոսինանտը ի վիճակի չէր վազելու դար ու փոսերով, էլ չեմ ասում, որ բնականից նա համրաշարժ ու դանդաղկոտ էր։ Դոն Կիխոտի մտքով իսկույն անցավ, որ հենց այդ մարդն է պայուսակի ու ճամպրուկի տերը և վճռեց գտնել նրան, անգամ եթե հարկ լինի լեռներում դրա համար ամբողջ տարի թափառել, ուստի հրամայեց, որ Սանչոն վեր գա և լեռան մի կողով շրջի, մինչդեռ ինքը մյուս կողմից կգնա՝ թերևս այդպիսով նրանք մի կերպ հանդիպեն անծանոթին, որ այնպես հանկարծակի չքացավ նրանց աչքից։
― Ես չեմ կարող այդ անել, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև հենց որ ես ձերդ ողորմածությունից հեռանում եմ, ահը բռնում է ինձ և հազար ու մի սարսափ և տեսիլ է վրաս բաց թողնում։ Առաջուց իմացած եղեք, որ ձեր անձից ես մեկ քայլ հեռու չեմ գնա։
― Էհ, դու գիտես, ― պատասխանեց Տխուր Պատկերի Ասպետը։ ― Ինձ համար շատ հաճելի է, որ դու իմ քաջության մեջ ես հենարան որոնում, որը քեզ չի լքի, անգամ եթե քո հոգին թողնելու լինի մարմինդ։ Հետևիր ինձ իմ հետքերով, կամ ինչպես կարող կլինես և թող քո աչքերը լապտերներ դառնան։ Մենք այս սարի շուրջը պտույտ կտանք և, գուցե, կհանդիպենք անծանոթին, որ, անտարակույս, ոչ այլ ոք է, քան եթե մեր գտած բաների տերը։
Սանչոն դրան պատասխանեց․
― Ավելի լավ է՝ մենք նրան բոլորովին չորոնենք, որովհետև եթե մենք նրան գտնելու լինենք և դուրս գա, որ նա, իրոք, այդ փողերի տերն է, ապա պարզ է, որ ես հարկադրված կլինեմ տալու նրան, իսկ ավելի լավ կլինի, որ առանց գլխացավանքի ես այդ փողերը պահեմ ինձ համար։ Իսկ եթե առանց մեր ջանքի և որոնումի տերը, այնուամենայնիվ, դուրս գա, ապա, գուցե, մինչ այն ես փողը մսխած կլինեմ և այդ դեպքում ― չեղածը չի լինի։
― Դու մոլորվում ես, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Քանի որ մեր մեջ ենթադրություն է ծագել այդ առարկաների տիրոջ մասին, որը վայրկյանաբար երևաց, գուցե, մեր աչքերի առջև, մենք պարտավոր ենք նրան գտնելու և վերադարձնելու նրան իր գույքը։ Եվ եթե մենք նրան որոնելու էլ չլինենք ապա մեր հիմք ունեցող ենթադրությունը, որ հենց նա է իրերի տերը, մեզ մեղավոր է դարձնում ոչ պակաս, քան եթե մենք այդ բանում հավատացած լինեինք։ Ուստի, Սանչո բարեկամս, թող քեզ որոնումները չվշտացնեն, որովհետև եթե ես նրան գտնելու լինեմ, իմ հոգուց մեծ բեռ կընկնի։
Այդ ասելով նա խթանեց Ռոսինանտին, իսկ Սանչոն քարշ եկավ նրա հետևից ոտով և բեռը շալակին, Խինեսիլյո դե Պասամոնտեի երեսից։ Եվ ահա շրջելով սարի մեծ մասը, նրանք վտակի ափին տեսան ընկած ու սատկած մի ջորի՝ փալանն ու նոխտան վրան։ Շները կիսով չափ կերել էին և ագռավները կտցահարել նրան։ Այդ առավել ևս հաստատեց նրանց այն ենթադրությունը, որ նրանցից փախած մարդը պայուսակի և ջորու տերն է։
Այն վայրկյանին, երբ որ նրանք նայում էին լեշին, հանկարծ անակնկալ սուլոց լսվեց, որ նման էր հոտ պահպանող հովվի սուլոցի, և ձախ կողմից նրանք տեսան մեծ քանակությամբ այծեր, իսկ նրանց հետևում լեռան կատարին, երևան եկավ և ծեր այծապանը։ Դոն Կիխոտը ձայն տվեց, խնդրելով որ իջնի իրենց մոտ։ Սա, նույնպես ձայնով, հարցրեց, թե ինչպե՞ս են նրանք ընկել այսպիսի մի վայր, որտեղ գրեթե երբեք մարդկային ոտք չի դիպել և որտեղ միայն այծեր կան, գայլեր և այլ գազաններ։ Սանչոն նրան պատասխանեց, թե նրան կբացատրի, երբ որ նա իջնի։ Հովիվը իջավ և, մոտենալով դոն Կիխոտին ասաց․
― Գրազ կգամ, որ դուք մտիկ եք տալիս այս փոսում սատկած վարձու ջորուն։ Ճիշտն ասած՝ ահա վեց ամիս է, ինչ նա ընկած է այստեղ։ Ի դեպ, չի՞ հանդիպել ձեզ արդյոք ճամփին նրա տերը։
― Ոչ, չի հանդիպել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց այստեղից ոչ հեռու մենք գտնաք նրա պայուսակն ու ճամպրուկը։
― Ես էլ եմ տեսել, ― պատասխանեց հովիվը, ― բայց չվերցրի, նույնիսկ չմոտեցա։ Որովհետև ― ի՜նչ ցավս է, ― հետո կասեն, թե բան եմ գողացել։ Խորամանկ է սատանան և ոտիդ տակը այնպիսի բան կկոխի, որ ոտդ դեմ կառնի և վայր կընկնես, իսկ թե ինչպես և ինչու ― ինքդ էլ չես իմանա։
― Նույն բանն էլ ես եմ ասում, ― ասաց Սանչոն։ ― Ես էլ դեմ առա, միայն թե հրացան արձակելու հեռավորության էլ չմոտեցա։ Շատ հարկավորս է շունը, վզին էլ բոժոժ կապած։
― Ասացեք, բարի մարդ, ― հարցրեց դոն Կիխոտը, ― չգիտե՞ք արդյոք ո՞վ է այդ գույքի տերը։
― Ես այն գիտեմ միայն, ― պատասխանեց հովիվը, ― որ մի վեց ամիս առաջ, գուցե և ավելի, այստեղից մոտ երեք մղոն հեռավորության վրա գտնվող հովվի մի տնակ եկավ հաճելի դեմքով ու կազմվածքով մի երիտասարդ։ Նա եկավ այս իսկ ջորիով, որ սատկել֊ընկել է այստեղ, և հետը պայուսակ ու ճամպրուկ ուներ, որ դուք գտել և ձեռք չեք տվել։ Նա մեզնից հարցրեց, թե որտեղ կարելի է այս լեռներում ամենավայրի և անառիկ վայրը գտնել։ Մենք նրան մատնանիշ արինք այս կիրճը, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Եվ դա ճիշտ է՝ եթե դուք կես մղոն էլ խորը գնալու լինեք, դժվար թե այնտեղից դուրս գալու լինեք։ Ասենք՝ ես զարմանում եմ, թե ինչպես է հաջողել ձեզ գալ֊հասնել այստեղ։ Այստեղ ոչ մի ուղի, ոչ մի արահետ չի տանում։ Ուրեմն, ես շարունակում եմ․ լսելով մեր պատասխանը, երիտասարդը շուռ տվեց ջորու գլուխը և գնաց այն ուղղությամբ, որ մենք նրան ցույց տվինք, իսկ մենք բոլորս էլ հիանում էինք նրա նուրբ արտաքինով և զարմանում, թե ինչ արագությամբ նա սլացավ լեռները։ Այնուհետև մենք նրան այլևս չտեսանք։ Միայն մեկ անգամ, առաջին հանդիպումից մի քանի օր անց, նա դուրս վազեց ճամփի վրա այն վայրկյանին, երբ որ մեր հովիվներից մեկն անցնում էր և, առանց մի խոսք ասելու, հարձակվեց նրա վրա և, զորս դու պատվիրեցեր, ջարդեց նրան բռունցքներով, ապա թռավ քած էշի մոտ, որ պաշար էր կրում, վերցրեց ամբողջ հացը և պանիրը և այդ ամենն անելուց հետո արագությամբ չքացավ լեռներում։ Մեզնից մի քանիսը, իմանալով դրա մասին, գնացին նրան հետապնդելու և գրեթե երկու օր որոնեցին նրան ամենախուլ վայրերում, մինչև որ, վերջապես, գտան նրան՝ թաքնված մի մեծ ու զորավոր կաղնու փչակում։ Նա համեստաբար դուրս եկավ մեր դեմ։ Նրա շորերը պատառոտած էին, իսկ դեմքը տգեղացած և վառված արևից, այնպես որ մենք նրան դժվարությամբ ճանաչեցինք, բայց և այնպես մենք լավ մտքներումս պահեցինք նրա շորը, որ թեև ցնցոտի էր դառել, դարձյալ մենք գլխի ընկանք, որ նա մեր որոնած մարդն է։ Նա սիրալիր ողջունեց մեզ և կարճ ու շատ խելացի խոսքերով խնդրեց, որ մենք չզարմանանք, որ նա այդպիսի տարօրինակ կյանք է վարում։ Թե՝ նա պետք է այդպես ապրի, որովհետև ապաշխարհանք է դրել իր վրա իր մեծ մեղքերի համար։ Մենք խնդրեցինք, որ նա բաց անի մեզ, թե ով է ինքը, բայց մեզ այդ չհաջողվեց և գլուխ չեկավ։ Ապա մենք խնդրեցինք նրանից, որ երբ պաշարի կարիք ունենա, մեզ իմաց տա, թե որտեղ է ինքը գտնվում։ Չէ՞ որ նա առանց սնունդի չի կարող ապրել, իսկ մենք սիրով ու եռանդով նրան ամեն անհրաժեշտ բան կհասցնենք։ Իսկ եթե նա դրան էլ չի համաձայնում, ապա թող ինքը մեզնից պաշար խնդրի և ոչ թե բռնի խլի։ Նա շնորհակալություն հայտնեց մեր առաջարկի համար, ներողություն խնդրեց իր կատարած հարձակման համար և խոստացավ այսուհետև խնդրել հանուն Տեր Աստծու և ոչ ոքի այլևս վնաս չհասցնել։ Ապա նա ավելացրեց, որ մշտական ապաստան չունի և որ սովորաբար նա գիշերում է այնտեղ, որտեղ վրա է հասնում գիշերը։ Նա իր խոսքը այնպիսի ցավագին լացով ավարտեց, որ մենք քարե արձաններ կլինեինք, եթե, լսելով նրան, նրա հետ լաց չլինեինք։ Մենք մտաբերեցինք, թե ինչ տեսքով նա առաջին անգամ երևան եկավ մեր առջև և ինչ օրում ենք նրան հիմա տեսնում։ Որովհետև ես արդեն ասացի, որ նա շատ հրապուրիչ և վայելչակազմ երիտասարդ էր և նրա քաղաքավարի և նուրբ շարժուձևերից երևում էր, որ նա ազնվազարմ մարդ է և խորունկ կրթված։ Եվ թեև մենք բոլորս, որ լսում էինք նրան, գյուղացիներ էինք, այնուամենայնիվ, նրա ազնվությունն այնքան մեծ էր, որ գյուղացիներն էլ չէին կարող չնկատել այդ։ Եվ ահա իր ճառի մեջտեղում նա հանկարծ կանգ առավ և ասես սառավ։ Երկար ժամանակ նա նստած մնաց, աչքերը գցած գետնին, իսկ մենք բոլորս լուռ էինք և հուզմունքով սպասում էինք, թե ինչով կվերջանա նրա հմայվածությունը․ չէր կարելի առանց ցավի նայել նրան։ Իսկ նա չռում էր աչքերը, երկար հառում աչքերը գետնին, առանց թարթելու թարթիչները, իսկ հետո փակում էր աչքերը, սեղմում շրթունքները և կիտում հոնքերը։ Այդ ամենից դժվար չէր հետևցնել, որ խելագարության հարված է խփել նրան։ Եվ շուտով մենք վերջնականապես համոզվեցինք, որ մեր ենթադրությունը ճիշտ է։ Նա նստել էր գետնին և հանկարծ սաստիկ կատաղությամբ վեր ցատկեց, հարձակվեց մի հովվի վրա, որ ամենից մոտ էր նրան, այն էլ այնպիսի ցասումով ու կատաղությամբ, որ եթե մենք մեր ընկերոջը պաշտպանած չլինեինք, նա կսպաներ նրան բռունցքներով և կհոշոտեր ատամներով։ Միաժամանակ նա գոռում էր․ «Ա՜, ուխտադրուժ Ֆերնանդո, հիմա դու կվճարես հասցրածդ վիրավորանքի համար։ Ես սեփական ձեռքերով կպոկեմ սիրտդ, որի մեջ բուն են դրել ու թաքնվել աշխարհիս երեսի բոլոր արատները, նա՛մանավանդ՝ սուտն ու նենգությունը։ Եվ շատ ուրիշ խոսքեր ասաց նա, անիծելով այդ Ֆերնանդոյին և նրա անվամբ խարանելով դավաճանին ու երդումնազանցին։ Մեծ դժվարությամբ մենք ազատեցինք մեր ընկերոջը, իսկ երիտասարդը հեռացավ մեզնից, այլևս ոչ մի խոսք չասելով և շուտով անհետացավ խոտ ու մացառուտի մեջ, փախչելով այնքան արագ, որ մենք չկարողացանք նրա հետևից հասնել։ Դրանից մենք հետևցրինք, որ խելագարությունը նրան մեկ֊մեկ է բռնում և որ երևի մի ոմն Ֆերնանդո նրան ինչ֊որ մեծ վիրավորանք է հասցրել, որ նրան այդ դրության է հասցրել։ Այդ ամենը հաստատվեց հետագայում և հաճախ, որովհետև նա հետո էլ շուտ֊շուտ ճամփի վրա էր դուրս գալիս՝ մեկ՝ հովիվներից պաշար ուզելու, որ սրանք բերում էին, մեկ՝ բռնի խլելով։ Որովհետև երբ որ նրա խելագարությունը բռնում է, նա սնունդ չի ընդունում, որ մեր հովիվները նրան հոժարակամ առաջարկում են, այլ խլում է բռնությամբ։ Իսկ երբ որ նրա խելքը տեղն է, նա քաղցր ու քաղաքավարի խնդրում է հանուն Տեր Աստծու և ջերմագին շնորհակալություն հայտնում, արցունք թափելով։ Եվ ահա, ճիշտն ասեմ ձեզ, սինյորներ, ― շարունակեց հովիվը, ― մենք երեկ որոշեցինք, ես և էլի չորս հովիվ (որոնցից երկուսը իմ բարեկամներն են, իսկ երկուսը՝ օգնականներ), որոնել այդ երիտասարդին, մինչև որ գտնենք։ Իսկ երբ որ գտնենք՝ տանենք նրան ուժով կամ նրա համաձայնությամբ Ալմոդո՛վար քաղաքը, որ այստեղից ութ մղոն հեռու է և այնտեղ բժշկել նրան, եթե այդ հիվանդությունը բուժելի է, կամ գոնե իմանալ, թե մինչև հիվանդանալը նա ո՞վ է եղել, ունի՞ արդյոք ազգականներ, որոնց կարելի է տեղեկացնել նրան հասած ցավի մասին։ Ահա ամենը, սինյորներ, ինչ որ ես կարող եմ ձեզ հաղորդել ի պատասխան ձեր հարցի։ Հավատացած եղեք, որ կիսամերկ մարդը, որ այդպիսի արագությամբ անցավ ձեր առջևից, ձեր տեսած ամբողջ գույքի տերն է (որովհետև դոն Կիխոտն արդեն նրան պատմել էր, թե ինչպես այդ մարդը վազեվազ անցավ իր առջևից լեռները)։
Մեր ասպետը ապշած մնաց հովվի զրույցից և նրա մեջ ավելի սաստկացավ այդ դժբախտ խելագարի ով լինելն իմանալու ցանկությունը։ Ուստի նրա սկզբնական ցանկությունն առավել ամրապնդեց նրա մեջ՝ որոնել նրան լեռներում, առանց մի խորշ անգամ բաց թողնելու և մի քարանձավ, մինչև որ նրան գտնի։ Բայց բախտը ավելի լավ սարքեց, քան նա սպասում էր, որովհետև այդ իսկ վայրկյանին, հենց նրա դեմ առ դեմ, ժայռի ճեղքվածից հայտնվեց երիտասարդը, որին նա որոնում էր։ Նա ինչ֊որ խոսք էր մրթմրթում, որ անհնար էր հասկանալ ոչ միայն հեռվից, այլև մոտիկից։ Նա բոլորովին այնպես էր հագնված, ինչպես մենք նկարագրեցինք, սակայն երբ որ դոն Կիխոտը նրան ավելի մոտեցավ, նկատեց, որ նրա ծվեն֊ծվեն եղած կաշվե բաճկոնակը համպարով օծած կաշվից է կարած, մի բան, որից մեր ասպետը հետևցրեց, որ նման զգեստ հագնող մարդը չի կարող ստոր դասից ծագել։
Երիտասարդը մոտենալով ողջունեց նրանց խուլ ու խռպոտ ձայնով, բայց և մեծ քաղաքավարությամբ։ Դոն Կիխոտը ոչ նվազ սիրալիրությամբ պատասխանեց նրա ողջույնին, ցած թռչելով Ռոսինանտից, մոտեցավ և շատ֊շատ սրտալի ու փաղաքուշ գրկեց նրան։ Նա այնքան երկար սեղմեց իր գրկում երիտասարդին, որ կարծես թե վաղուց հետև նրա բարեկամն է։ Անծանոթը, որին մենք կարող ենք անվանել Ողբակերպ Ցնցոտեկիր (ինչպես դոն Կիխոտն իրեն անվանեց Տխուր Պատկերի Ասպետ), թույլ տվեց, որ իրեն գրկեն, իսկ հետո, մի քիչ հեռացնելով իրենից դոն Կիխոտին, ձեռները դրեց նրա ուսերին և սևեռեց աչքերը, կարծես թե ուզում էր մտաբերել՝ ծանո՞թ է նրան, թե՞ ոչ։ Թվում էր, թե դոն Կիխոտի կերպարանքը, տեսքը և զենք ու զրահը նրա մեջ նույնպիսի զարմանք էին հարուցում, ինչպիսին նա ինքն էր հարուցանում մեր ասպետի մեջ։ Վերջապես Ցնցոտեկիրը, ազատվելով գրկախառնությունից, առաջինը խոսեց, իսկ թե ինչ ասաց, այդ կհաղորդվի ստորև։
Գլուխ XXIV
Սյերրա Մորենի արկածի շարունակությունը
Մեր պատմությունը զրուցում է, թե դոն Կիխոտը ուշի֊ուշով ունկնդրեց Սյերրայի[108] պատառոտած ասպետին, որը իր խոսքը այսպես սկսեց․
― Ով էլ դուք լինելու լինեք, սինյոր, ― որովհետև ես ձեզ չեմ ճանաչում, ― շնորհակալ եմ քաղաքավարության համար, որ դուք ցույց տվիք ինձ։ Ես կկամենայի երախտամատույց լինել ձեզ ոչ միայն սոսկ բարի ցանկությամբ այն մտերմության համար, որ դուք ցուցաբերեցիք իմ նկատմամբ, սակայն բախտը արգելում է վճարել ինձ ցույց տված բարեգործությունների համար ուրիշ բանով, քան թե անկեղծ պատրաստակամությամբ վարձատրելու նրանց փոխարեն։
― Իսկ ես, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այլ ցանկություն չունեմ, քան ծառայել ձեզ, և ես վճռել էի չլքել այս լեռները, մինչև որ ձեզ չգտնեմ և չիմանամ՝ չէ՞ր կարելի արդյոք մի կերպ բուժել այն վիշտը, որ ստիպել է ձեզ ընտրել այսքան տարօրինակ կենցաղավարություն։ Եվ եթե կարելի է, ապա ես կորոնեմ ձեր բուժումը ողջ հնարավոր եռանդով։ Իսկ եթե ձեր դարդը պատկանում է նրանց թվին, որ որևէ մխիթարության դուռը փակում են, ապա ես հուսով եմ օգնելու ձեզ, ի բոլոր սրտե լալով ու վշտանալով ձեզ հետ, որովհետև դարձյալ դարդոտ մարդու համար մխիթարանք է, երբ որ նրան մեկը ցավակցում է։ Եվ եթե իմ բարի ցանկությունները արժանի են շնորհակալության, ապա աղաչում եմ, սինյոր, հանուն այն մեծ քաղաքավարության, որով ինչպես ես տեսնում եմ, դուք աչքի եք ընկնում, այլև հանուն այն ամենի, ինչ որ դուք կյանքում սիրել կամ սիրում եք, ասացեք ինձ, ո՞վ եք դուք և ինչ պատճառով եք դուք սիրտ արել այս ամայի վայրերում ապրել ու մեռնել անբան անասունի պես։ Իսկ որ նման կյանքը ձեզ համար չի ստեղծված, այդ վկայում են թե՛ ձեր արտաքինը, թե՛ ձեր զգեստը։ Երդվում եմ, ― ավելացրեց դոն Կիխոտը, ― ասպետական ուխտով, որին ես պատկանում եմ, ես՝ անարժան մեղավորս, այլև թափառական ասպետի կոչումովս, ― եթե դուք, սինյոր, անսալու լինեք իմ խնդիրքին, ես ձեզ կծառայեմ ամենայն ջանասիրությամբ, որին պարտավորեցնում է ինձ իմ դիրքը։ Ես կբուժեմ ձեր ցավը, եթե նա բուժելի է կամ թե կօգնեմ ձեր դարդը լալու, ինչպես նոր ձեզ խոստացա։
Անտառի Ասպետը, լսելով Տխուր Պատկերի Ասպետի խոսքերը, նայում, զննում ու դիտում էր նրան ոտից֊գլուխ և վերջապես տեսնելուց կշտանալով, ասաց․
― Եթե ուտելու բան ունեք, ի սեր Աստծու շուտով տվեք ինձ, և ուտելուց հետո ես կկատարեմ ամենը, ինչ որ դուք հրամայեք, որպեսզի շնորհակալ եղած լինեմ բարյացակամության համար, որ դուք ցուցաբերում եք իմ նկատմամբ։
Իսկույն Սանչոն ձեռքը կոխեց պարկը, իսկ հովիվը՝ իր տոպրակը, և Ցնցոտեկիրն սկսեց հագեցնել իր քաղցը՝ գժի պես վրա տալով ուտելիքին այնպիսի ագահությամբ, որ կուլ չգնացած կտորին վրա էր հասնում նորը։ Քանի որ դա շարունակվում էր, ո՛չ նա, ո՛չ էլ շրջապատողները ոչ մի խոսք չէին արտասանում։ Ուտելը պրծնելուց հետո նա նշաններով առաջարկեց նրանց, որ հետևեն իրեն, մի բան, որ նրանք արին։ Նա նրանց տարավ մի կանաչ դաշտ, որ գտնվում էր ոչ հեռու՝ ժայռի հետևում։ Այստեղ գալով՝ նա պառկեց խոտի վրա, և նրանք էլ հետևեցին նրա օրինակին։ Այդ ամենը կատարվում էր լռելյայն։ Վերջապես Ցնցոտեկիրը, տեղը լավ հարմարեցնելով, սկսեց այսպես․
― Եթե ձեզ հաճելի է, պարոններ, ես կարճառոտ պատմեմ ձեզ իմ բազում չարաբաստիկ գործերից, դուք պետք է ինձ խոստանաք, որ ոչ մի հարցով կամ նկատողությամբ չեք խզի իմ տխուր զրույցի թելը, որովհետև հենց որ դուք այդ անելու լինեք, ես իսկույն կընդհատեմ իմ պատմությունը։
Այդ առաջաբանը դոն Կիխոտի միտքը գցեց իր զինակրի պատմությունը, երբ որ մեր ասպետին չհաջողվեց ուղիղ հաշվել այծերին, որ փոխադրված էին գետի մյուս ափը և ինչպես այդ պատճառով պատմությունը մնաց անավարտ։ Իսկ Ցնցոտեկիրը շարունակում էր․
― Ես նրա համար եմ նախազգուշացնում ձեզ, որ ես կկամենայի որքան կարելի է արագ ավարտել իմ աղետների շարադրությունը, որովհետև մտաբերելով դրանք, ես հին վշտերին նոր վիշտ եմ ավելացնում, ուստի որքան սակավ ինձնից բան հարցնելու լինեք, այնքան արագ ես կպատմեմ նրանց մասին։ Այն էլ ես ոչ մի կարևոր մանրամասնություն բաց չեմ թողնի և կաշխատեմ միանգամայն բավարարել ձեր ցանկությունը։
Դոն Կիխոտը բոլոր ներկա եղողների անունից խոստացավ, որ չի ընդհատի նրան, և այդ հավաստիացումներից հետո Ցնցոտեկիրն սկսեց հետևյալ կերպով․
― Իմ անունը Կարդենիո է և ես ծնվել եմ մեր Անդալուզիայի լավագույն քաղաքներից մեկում։ Ես անվանի տոհմից եմ և հարուստ ծնողների զավակ, բայց իմ դժբախտությունն այնքան մեծ է, որ իմ ծնողները ինչքան էլ ողբան և ինչպես էլ իմ տոհմը վշտանա, նրանց ողջ հարստությունը ինձ ոչ մի կերպ չի օգնի, որովհետև, ինչպես հայտնի է, երկրի բարիքները երկնքի առաքած աղետների դեմ անզոր են։ Այդ քաղաքում ապրում էր նաև այն երկնային էակը, որին Ամուրը զարդարել էր բոլոր կատարելություններով, որոնց մասին կարող էի երազել։ Լյուսինդայի գեղեցկությունը մեծ էր, մի ազնվական և հարուստ աղջկա, ոչ պակաս քան ես, բայց ավելի երջանիկ և պակաս հավատարիմ, քան արժանի էր իմ զգացմունքի ազնվությանը։ Ամենավաղ, պատանի օրերից ես սիրում, աստվածացնում և երկրպագում էի Լյուսինդային, և նա էլ սիրում էր ինձ պարզ և անխորամանկ սիրով, ինչպես այդ լինում է մանուկ հասակում։ Մեր ծնողները գիտեին մեր փոխադարձ հակումների մասին, և այդ նրանց չէր անհանգստացնում՝ նրանք հասկանում էին, որ այդ զգացմունքը ամրանալով մեզ վերջ ի վերջո կհասցնի ամուսնության, իսկ ծագման ու հարստության հավասարությունը մեր դաշնը դարձնում էր միանգամայն բնական։ Անցնում էին տարիներ, և նրաց հետ աճում էր մեր փոխադարձ սերը ― և ահա Լյուսինդայի հայրը, խոհեմությունից դրդված, հարկ համարեց արգելել ինձ այցելել նրան (այդ բանում նա կարծես ընդօրինակում էր այնքան հաճախ բանաստեղծներից երգված Ֆիսբայի ծնողներին)։ Այս արգելքը միայն հրահրեց մեր բոցը և սաստկացրեց ցանկությունը։ Ծնողները կարող էին մեր լեզվի վրա լռություն դնել, բայց չէին կարող մեր գրիչները մատնել անգործության, իսկ երբ որ մենք սիրում ենք, գրիչն ավելի ազատ է շարադրում, քան լեզուն, այն, ինչ որ թաքնված է լինում մեր հոգում։ Որովհետև շատ հաճախ սիրած էակի ներկայությունը շփոթեցնում ու համրացնում է ամենավճռական մտադրություններն ու ամենախիզախ լեզուները։ Օ՜, երկինք, քանի՜֊քանի՜ նամակներ գրեցի նրան։ Քանի՜֊քանի՜ անմեղ ու սիրելի պատասխաններ ստացա։ Քանի՜֊քանի՜ երգեր, սիրահարական ոտանավորներ գրեցի, որոնց մեջ իմ հոգին բացատրում ու հայտնաբերում էր իր զգացմունքները, արտահայտում էր իր բոցավառ ցանկությունները, վերակենդանացնում էր իր հուշերն ու սնում իր կիրքը։ Վերջապես, տանջահար, ես զգացի, որ իմ հոգին տոչորվում է նրան տեսնելու ցանկությունից, և որոշեցի իսկույն ևեթ անել այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի ստանայի ըղձալի և արժանի պարգևը, այսինքն՝ խնդրել Լյուսինդայի հորից, որ նրան տա ինձ օրինավոր կնության։ Ես այդպես էլ արի։ Նա ինձ պատասխանեց, որ շնորհակալ է պատվի համար, որ ես ցույց եմ տալիս նրան և որ ինքն էլ իր հերթին պատրաստ է պատիվ անելու ինձ, մարդու տալու իր թանկագին աղջկան ինձ։ «Բայց», ավելացրեց նա, «ձեր հայրը դեռ կենդանի է, և նրան է պատկանում իրավունքը, այդ մասին խնդրելու։ Իսկ եթե նրա բարի կամքն ու համաձայնությունը չլինի այդ գործում, ապա Լյուսինդան նրանցից չէ, որոնց առնում կամ տալիս են կնության թաքուն»։ Ես շնորհակակություն հայտնեցի նրա բարյացակամության համար, որովհետև ինձ թվում էր, որ նրա առարկությունն արդարացի է և որ իմ հայրը կհամաձայնի ինձ, հենց որ նրան պատմեմ բանի էությունը։ Այդ մտադրությամբ ես իսկույն գնացի հորս մոտ, որպեսզի հաղորդեմ նրան իմ ցանկությունը։ Բայց մտնելով այն սենյակը, որտեղ նա գտնվում էր, ես նրան տեսա բաց արած նամակը ձեռքին, և մի բառ էլ չկարողացա արտասանել, որ նա մեկնեց ինձ նամակը ու խոսեց․ «Այս նամակից, Կարդենիո, դու կտեսնես, որ հերցոգ Ռիկարդոն ուզում է քեզ ողորմածություն ցույց տված լինել»։ Այս հերցոգ Ռիկարդոն, ինչպես դուք, պարոններ, երևի գիտեք, իսպանական գրանդ է, որի կալվածները ծավալվում են մեր Անդալուզիայի լավագույն մասում։ Ես վերցրի նամակն ու կարդացի։ Նամակն այնքան բարեհաճ էր, որ ես ինքս կկշտամբեի հորս, եթե նա չկատարեր նրա մեջ եղած խնդիրը։ Հերցոգը խնդրում էր, որ հայրս ինձ անհապաղ ուղարկի իր մոտ, որովհետև նրան հաճելի էր, որ ես նրա մեծ որդու հետ լինեմ՝ իբրև բարեկամ, այլ ոչ թե ծառա, միաժամանակ իմ հետագա կյանքի հոգսերը նա իր վրա էր վերցնում և խոստանում էր, որ իմ կյանքի դասավորումը միանգամայն համապատասխան կլինի նրա բարձր կարծիքին իմ մասին։ Ես կարդացի նամակն ու ապուշ կտրեցի։ Իմ շփոթմունքն ավելացավ, երբ որ լսեցի հորս խոսքերը․ «Դու կերթաս երկու օրից, Կարդենիո, և կկատարես հերցոգի կամքը։ Շնորհակալ եղիր երկնքին, որ ճամփա է բաց անում քո առջև, որով դու կհասնես այն բանին, որին արժանի ես»։ Եվ այդ խոսքերին մա մի քանի հայրական խորհուրդներ ավելացրեց։
Հասավ իմ մեկնելու ժամը։ Նախապես, երեկոյան ես զրույց ունեցա Լյուսինդայի հետ և ամեն ինչ, որ պատահել էր, պատմեցի նրան, ապա ամեն ինչ հաղորդեցի նրա հորը և խնդրեցի նրանից, որ մի քանի օր սպասի և ոչ ոքի չխոստանա իր աղջկա ձեռքը, մինչև որ ես իմանամ, թե ինչ է ուզում ինձնից Ռիկարդոն։ Հայրը խոստացավ և Լյուսինդան հաստատեց նրա խոստումը երդումով ու արցունքներով։ Վերջապես ես ներկայացա Ռիկարդոյի դղյակը, և նա ինձ դիմավորեց ու ընդունեց այնքան սիրալիր, որ նախանձն իսկույն սկսեց իր գործը։ Հերցոգի հին ծառաներն իսկույն ատեցին ինձ, որովհետև կարծում էին, որ նրա բարեհաճության նշաններն իմ նկատմամբ նրանց վնաս կտան։ Բայց առանձնապես ուրախացավ իմ գալստյան առիթով հերցոգի երկրորդ որդին, Ֆերնանդո անունով, վայելչակազմ, նուրբ, առատաձեռն և տրամադիր սիրահարվելու մի երիտասարդ։ Շուտով նա կամեցավ, որ մենք մոտ բարեկամներ դառնանք և շարունակ դրանից էր խոսում։ Թեև մեծ որդին էլ էր ինձ սիրում և ուշադրության նշաններ ցույց տալիս, այնուհանդերձ նրա վերաբերմունքը չէր կարելի համեմատել դոն Ֆերնանդոյի ջերմ մտերմությանը։ Եվ որովհետև բարեկամների միջև գաղտնիք չի լինում, որ նրանք իրար բաց չանեն, իսկ ինձ դոն Ֆերնանդոյին կապում էր ոչ միայն պարզապես բարեկամական վերաբերմունքը, այլև բարեկամական մտերմությունը, ապա նա սկսեց խոստովանել ինձ իր բոլոր մտքերը և պատմեց իր մեկ սիրային հափշտակության մասին, որ նրան սաստիկ հուզում էր։ Նա սիրում էր մի գեղջկուհու, որի ծնողները իր հոր հարուստ վասալներից էին և աղջիկն այնքան չքնաղ էր, համեստ, խելացի և առաքինի, որ նրան ճանաչողները չէին կարող որոշել, թե այդ առավելություններից որին նախընտրություն և առաջնություն տան։ Գեղեցիկ գեղջկուհու այդ հատկությունները դոն Ֆերնանդոյի մեջ այնպիսի մի կիրք էին հարուցել, որ իր ցանկություններին հասնելու և նրա առաքինությունը հաղթահարելու համար նա վճռեց խոսք տալ աղջկան, որ կամուսնանա նրա հետ, որովհետև տեսնում էր, որ այլապես նա մատնված է ձգտելու անկարելիին։ Ինձ Ֆերնանդոյին կապող բարեկամության պարտականությունից դրդված՝ ես աշխատեցի բերել ամենահիմնավոր փաստարկումներ և ամենացայտուն օրինակներ, որպեսզի հեռացնեմ և շեղեմ նրան նման մտադրությունից։ Սակայն տեսնելով, որ ոչինչ չի օգնում, ես մեկ մտածեցի ամեն ինչ հայտնել նրա հորը, հերցոգ Ռիկարդոյին։ Բայց դոն Ֆերնանդոն՝ խորամանկ ու խելացի մի մարդ, կռահեց և վախեցավ իմ որոշումից, գլխի ընկնելով, որ բարի ծառայի պարտականությունից դրդված՝ ես չեմ ծածկի հերցոգից՝ իմ տիրոջից, այն ամենը, ինչ որ կարող է նրա պատվին այնքան մեծ վնաս հասցնել։ Ուստի, այդպիսի մտադրությունից ինձ հետ պահելու համար, դոն Ֆերնանդոն հայտարարեց, որ նա մի քանի ամսով կուզենար մի տեղ գնալ և որ դա նրա համար լավագույն միջոցն է՝ նրա սիրտը նվաճած գեղեցկուհու մասին մտածելուց դադարելու համար։ Նա ավելացրեց, որ կկամենար ինձ հետ միասին գնալ իր հոր մոտ, իսկ հերցոգին մենք կասենք, որ գնում ենք լավ նժույգներ տեսնելու և գնելու համար, որովհետև իմ հայրենի քաղաքը հայտնի էր աշխարհիս երեսին ամենալավ ձիերով։ Հենց որ ես լսեցի այդ խոսքերը, ես հայտարարեցի, որ ավելի լավ որոշում չի էլ կարելի երևակայել։ Ինձ առաջնորդում էր Լյուսինդայի սերը, և ես այնպես էի ուզում օգտվել առիթից և նրա հետ տեսակցելու հնարավորությունից, որ կարծես հնարավորություն կտայի և պակաս խոհեմ որոշմանը։ Այդ մտքերի և ցանկությունների ազդեցության տակ ես հավանություն տվի նրա մտադրությանը, պաշտպանեցի նրա որոշումը և խնդրեցի որքան կարելի է շուտ ի կատար ածել, որովհետև, իրոք, սիրած աղջկա հետ անջատումը կարող է ցրել ամենահամառ խոհերը նրա մասին։ Հետագայում ես իմացա, որ երբ նա ինձ առաջարկում էր, նա արդեն ամուսնու դիմակի տակ վայելում էր իր գեղջկուհու սերը և հիմա միայն դեպքի էր սպասում, որպեսզի ամենաապահով կերպով բանա իր գաղտնիքը։ Որովհետև նա սաստիկ վախենում էր և չգիտեր, թե ինչ կանի իր հերցոգ հայրը՝ տեղեկանալով նրա հանցանքի մասին։ Բայց որովհետև երիտասարդների սերը, ըստ մեծի մասի՝ սոսկ զգայական է և նրա վերջնական նպատակը վայելքն է, ուստի և հասնելով վախճանին, սերը վերջանում է և հետ է դառնում (որովհետև զգացմունքը, որ սեր է թվում, չի կարող սահմանն անցնել, որ դրված է բնությունից և որ գոյություն չունի իսկական սիրո համար) ― այդ իսկ պատճառով, հենց որ Ֆերնանդոն վայելեց իր գեղջկուհու սերը, նրա ցանկությունները հանդարտեցին և նրա կրակը սառավ և, և եթե առաջ նա ձևացնում էր, թե ուզում է գնալ, որպեսզի բուժվի սիրուց, ապա հիմա նա անկեղծորեն ուզում էր հեռանալ, որպեսզի ազատվի սիրուհուց։ Հերցոգը մեզ թույլ տվեց և հրամայեց ինձ, որ ուղեկցեմ նրա որդուն։
Մենք եկանք իմ հայրենի քաղաքը։ Իմ հայրը դոն Ֆերնանդոյին ընդունեց համապատասխան նրա բարձր կոչման, իսկ ես իսկույն տեսակցեցի Լյուսինդայի հետ և իմ ցանկությունները վերակենդանացան (ասենք նրանք ոչ միայն երբեք չէին մեռել, այլև չէին էլ թուլացել)։ Որովհետև ինձ թվում էր, թե Ֆերնանդոյի բարեկամական ջերմ զգացմունը ինձ վրա պարտականություն է դնում նրանից ոչինչ չթաքցնել, ես վստահեցի նրան իմ գաղտնիքը և դա ցավ բերեց ինձ։ Լյուսինդայի գեղեցկությունը, նրբությունը և խելքը ես այնպես գովաբանեցի, որ իմ գովեստները նրա մեջ ցանկություն հարուցեցին տեսնելու աղջկան, որ զարդարված է այդքան առաքինություններով։ Չարաբախտ ճակատագիրը դրդեց ինձ բավարարել նրա ցանկությունը, և մի երեկո ես ցույց տվի նրան Լյուսինդային, երբ որ լուսամուտի վրա մի մոմ էր վառված, այնտեղ և այնպես, որտեղ և ինչպես մենք սովորաբար զրույց էինք անում նրա հետ։ Նա տեսավ աղջկան կորսաժը հագին, և աղջիկը նրան այնքան չքնաղ երևաց, որ նա իսկույն մոռացավ բոլոր գեղեցկուհիներին, որ մինչ այդ տեսել էր։ Նա ապուշ կտրեց, կորցրեց գլուխը, հմայվեց ― մի խոսքով՝ սիրահարվեց նրան բոցավառ սիրով (նրա կրքի սաստկության մասին, որ նա ինձնից թաքցնում էր և մենակ եղած պահին բանում էր երկնքին, դուք կարող եք գաղափար կազմել հետագա պատմությունից իմ դժբախտությունների մասին)։ Ահա, նրան ավելի ևս բոցավառելու համար բախտը կամեցավ, որ նրա աչքին ընկած լիներ Լյուսինդայի ինձ գրած մի նամակը, որի մեջ նա ինձ համոզում էր խնդրել իր ձեռը իր հորից։ Նա այնքան խելացի, համեստ և քնքուշ էր գրում դրա մասին, որ դոն Ֆերնանդոն, կարդալով նամակը, հայտնեց ինձ, որ նա է գեղեցկության ու խելքի բոլոր գանձերի միակ տիրուհին, որ սովորաբար աշխարհիս երեսին բաշխվում է բոլոր կանանց։ Եվ այստեղ ես բացեիբաց պետք է խոստովանեմ, որ թեև ես հասկանում էի, որ Ֆերնանդոն արդարացի հիմք ուներ գովաբանելու Լյուսինդային, այնուհանդեձ ինձ համար անախորժ էր նրա շուրթից լսել այդ գովեստները, և ես սկսեցի երկյուղ կրել ու զգուշանալ, որովհետև րոպե չէր անցնում, որ նա ինձ չխոսեցներ նրա մասին, և ինչ զրույց էլ անելիս լինեինք նրա հետ, նա անպատճառ խոսքը շուռ էր տալիս Լյուսինդայի վրա։ Այդ իմ մեջ խանդի պես մի բան էր հարուցանում ոչ թե նրանից, որ ես առաքինի և հավատարիմ Լյուսինդայի կողմից որևէ հարված էի սպասում, այլ նրանից, որ ինձ երջանկություն խոստացող բախտը հարկադրում էր երկյուղ կրել այդ երջանկության համար։ Իսկ դոն Ֆերնանդոն միշտ աշխատում էր աչքի անց կացնել բոլոր նամակները, որ ես ուղարկում է Լյուսինդային և որ նա գրում էր ինձ ի պատասխան այն պատրվակով, իբրև թե նա շատ է հավանում զգացմունքը նրբորեն արտահայտելու մեր կարողությունը։ Եվ ահա մի անգամ պատահեց, որ Լյուսինդան ինձնից խնդրեց ուղարկել իրեն մեկ ասպետական վեպ, որ նրան առանձնապես դուր էր գալիս՝ դա Ամադիս Գաղղիացին էր․․․
Հենց որ դոն Կիխոտը ասպետական վեպի անունը լսեց, իսկույն ևեթ ասաց․
― Եթե ձերդ ողորմածությունը հենց պատմության սկզբից հայտարարած լիներ, որ նրա ողորմածություն տիրուհի Լյուսինդան ասպետական վեպեր է սիրում, կարիք չէր լինի շատ ավելորդ խոսք ասել, որպեսզի ինձ համոզեք նրա մտքի վեհությունը, և նա չէր էլ կարող այնչափ խելացի լինել, ինչպես դուք, սինյոր, նկարագրեցիք, եթե նա նման հափշտակող ընթերցանության համար ճաշակ չունենար։ Ուստի նրա գեղեցկությունը, առաքինությունն ու խելքը նկարագրելիս, ինձ համար ավելորդ խոքերի կարիք չկա։ Ինձ համար բավական է նրա սերը դեպի այդ գրքերը ― և ես պատրաստ եմ նրան ճանաչելու աշխարհիս երեսին ամենագեղեցիկ և իմաստուն կինը։ Եվ ես կկամենայի, սինյոր, որ ձերդ ողորմածությունը Ամադիս Գաղղիացու հետ ուղարկած լիներ նաև փառավոր դոն Ռուխել Հունաստանցուն, որովհետև ես հավատացած եմ, որ տիրուհի Լյուսինդան շատ կհավաներ Դարաիդային և Գարայային, այլև հովվուհի Դարինելի սրամտությունը և սքանչելի հովվերգական բանաստեղծությունները, որ նա երգում ու կատարում էր այնպիսի ճաշակով, վարպետությամբ և այնքան բնական։ Ասենք՝ կգա ժամանակ և դուք կուղղեք ձեր սխալը, մի բան, որ շատ հեշտ կլիներ, եթե ձերդ ողորմածությունը հաճեր ինձ հետ գալ իմ գյուղը։ Այնտեղ ես ձեզ կտրամադրեի ավելի քան երեք հարյուր գիրք, որոնք իմ հոգու վայելքն ու կյանքիս զվարճությունն են։ Ասենք՝ ես մտաբերում եմ, որ այդ գրքերն այլևս չկան և մեղքը չար ու նախանձ կախարդներինն է։ Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն, որ ես խախտեցի ձեր պատմությունը չընդհատելու խոստումս, սակայն երբ որ ես լսում եմ ասպետական գործերի և թափառական ասպետների մասին, ինձ համար նույնքան անհնար է լինում զսպել ինձ և չխոսել այդ առիթով, ինչպես արևի ճառագայթներին՝ չտաքացնել, իսկ լուսնի ճառագայթներին՝ չխոնավացնել հողը։ Ուստի ներեցեք և շարունակեցեք, որովհետև ժամանակ է, որ մենք վերադառնանք գործի։
Քանի որ դոն Կիխոտն արտասանում էր այս ճառը, Կարդենիոն նստած էր գլուխը կախ արած կրծքին և ըստ ամենայնի երևում էր, որ նա խորունկ մտախոհության մեջ է։ Դոն Կիխոտն արդեն երկու անգամ խնդրել էր, որ նա շարունակի պատմությունը, բայց նա գլուխը չէր բարձրացնում և ոչ մի խոսք չէր պատասխանում։ Վերջապես երկար ժամանակ անց, նա շտկվեց և ասաց․
― Ես հաստատ հավատացած եմ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի կարող հակառակը հավատացնել և հարկադրել, որ ես կարծիքս փոխեմ, որովհետև ով որ կարծում է կամ ենթադրում այլ կերպ, պարզապես ապուշ է։ Այո՛, ես հաստատ հավատացած եմ, որ այդ մեծագույն խարդախը՝ վարպետ Ելիստրատը, սիրային կապ է ունեցել Մադա՛սիմա թագուհու հետ։
― Բնա՛վ, կերդվեմ ինչով որ կամենաք, ― բացականչեց դոն Կիխոտը սաստիկ ցասումով (որ իրականում, ըստ իր սովորության, մի քիչ ավելի ուժգին արտահայտվեց), ― դա սարսափելի ամբաստանություն է, կամ ավելի լավ ասած՝ ստորություն։ Մադա՛սիմա թագուհին ազնվագույն տիկին է եղել և չի կարելի երևակայել, որ նա սիրային կապ ունեցած լինի ինչ֊որ ձիաբույժի հետ։ Իսկ ով որ հակառակն է պնդում, ստում է ամենաետնյալ անպիտանի պես, և ես այդ կապացուցեմ նրան թե՛ ձի հեծած, թե՛ փիադա, թե՛ սպառազինված, թե՛ զինաթափ, թե՛ ցերեկով, թե՛ գիշերը ― մի խոսքով, ինչպես նրա ճաշակին ավելի սազ գա։
Կարդենիոն ուշի֊ուշով նայում էր նրան՝ խելագարության թափն արդեն բռնել էր նրան, և հիմա նա իր պատմությունը շարունակելու գլուխ չուներ, ասենք՝ դոն Կիխոտն էլ տրամադիր չէր ունկնդրելու ― այնպես էր վրդովվել նա Մադա՛սիմա թագուհու մասին ասվածից։ Զարմա՜նք բան։ Նա նույն թափով պաշտպան դուրս եկավ թագուհուն, ինչպես եթե նա լիներ իր իսկական և բնական հրամայողը։ Ահա՛ թե ինչ օրի էին գցել նրան անիծյալ գրքերը։ Ուստի, քանի Կարդենիոն բռնված էր խելագարությամբ ― դրան ավելացավ այն, որ նա լսեց, ինչպես իրեն ստախոս, անպիտան և այլ հիշոցներ են ասում, ― այդ կատակը նրան դուր չեկավ։ Նա բարձրացրեց իր ոտերի տակ ընկած քարը և այնպիսի ուժով նետեց ուղղակի դոն Կիխոտի կրծքին, որ նա գլորվեց մեջքի վրա։ Սանչո Պանսան, տեսնելով, թե ինչպես են իր տիրոջ հախիցը գալիս, բռունցքները սեղմած վրա տվեց խելագարի վրա, բայց Ցնցոտեկիրը նրան այնպես դիմավորեց, որ մի հարվածով գետնին խփեց, կանգնեց վրան և ոտներով համարեց նրա կողերը, ինչքան որ սիրտը ուզեց։ Հովիվը կամեցավ պաշտպանել նրան, բայց նրան էլ նույն բախտը վիճակվեց։ Երեքին էլ մի լավ ջարդելուց ու տրորելուց հետո Ցնցոտեկիրը անվրդով հանգստությամբ լեռները քաշվեց։ Սանչոն վեր կացավ կատաղությամբ, որ իրեն զուր տեղից ջարդ ու բուրդ էին արել և վրա տվեց հովվի վրա, կամենալով նրանից վրեժ լուծել․ նա գոռում էր, որ մեղքը հովվին է, որ չի նախազգուշացրել իրենց, որ այդ մարդը ենթակա է խելագարության բռնկումներին։ Որ եթե նա այդ արած լիներ, իրենք զգույշ կլինեին և կնախապատրաստվեին ինքնապաշտպանության։ Իսկ հովիվը պատասխանում էր, որ ինքը նախազգուշացրել է, իսկ եթե Սանչոն պարզապես չի լսել, ապա մեղքն իրենն է։ Սանչոն ինչ֊որ առարկում էր հովվին, հովիվը՝ առարկում էր Սանչոյին։ Խոսքերից նրանք անցան գործի, բռնեցին իրար միրքից և սկսեցին իրար այնպես ծեծել, որ եթե դոն Կիխոտը խաղաղություն չհաստատեր, ապա թվում է, թե նրանք իրար պատառ֊պատառ կանեին։ Կռվի բռնվելով այծարածի հետ՝ Սանչոն գոռում էր․
― Թողեք ինձ, ձերդ ողորմածություն, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ։ Այս ղոչաղը նույնպիսի գեղջուկ է, ինչպես և ես, ոչ ոք նրան ասպետ չի կարգել, ուստի ես ունեմ իրավունք նրա հասցրած վիրավորանքների տեղը հանելու և մուշտակռվի բռնվելու՝ որպես ազնիվ մարդ։
― Այդ մեկը ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― բայց ես գիտեմ, որ նա մազաչափ մեղավոր չէ եղածի համար։
Սրանով էլ նա հաշտեցրեց նրանց, ապա հարցրեց հովվից միջոց կա՞ արդյոք Կարդենիոյին գտնելու, որովհետև ինքը չափազանց հետաքրքիր է պատմության վերջն իմանալու։ Հովիվը կրկնեց այն, ինչ որ առաջ ասել էր՝ ինքը ստույգ չգիտի, որտեղ է կենում Կարդենիոն և ավելացրեց, որ եթե դոն Կիխոտը էլի թափառելու լինի այս լեռներում, անշուշտ նրան կհանդիպի կամ առողջ մտքով կամ խելագարությամբ բռնված։
Գլուխ XXV
Ուր պատմվում է արտասովոր դեպքերի մասին, որ պատահել են լամանչեցի արի ասպետին Սյերրա֊Մորենում և այն ապաշխարանքի մասին, որ նա ինքը դրեց իր վրա Մռայլ Գեղեցիկին նմանվելով
Հովվին հրաժեշտ տալով՝ դոն Կիխոտը նորից հեծավ Ռոսինանտին և հրամայեց, որ Սանչոն գա իր հետևից էշով։ Սանչոն հնազանդեց մեծ տհաճությամբ։ Եվ ահա նրանք կամաց֊կամաց մոտեցան ամենավայրի կիրճերին։ Սանչոն մեռնում էր իր տիրոջ հետ խոսելու ցանկությունից, սակայն սպասում էր, որ նա առաջինը սկսի, որովհետև չէր ուզում խախտել պատվերը։ Վերջապես, այդքան երկար լռություն չտանելով, նա, այնուամենայնիվ խոսեց։
― Սինյոր դոն Կիխոտ, օրհնեցեք ինձ, ձերդ ողորմածություն, և արտոնություն շնորհեք, ես ուզում եմ որքան կարելի է շուտ վերադառնալ տուն՝ կնոջս ու երեխաներիս մոտ, նրանց հետ գոնե, ես կարող եմ խոսել և դատողություն անել, ինչքան սիրտս ուզի։ Իսկ ձերդ ողորմածությունը պատվիրում է ինձ թափառել գիշեր֊ցերեկ այս անապատում, այն էլ առանց խոսելու, երբ որ սիրտս ուզենա։ Որ այդպես է՝ ինձ սաղ֊սաղ թաղեցեք, պրծնի գնա։ Եթե բախտը կամենար, որ անասունները խոսել կարողանային, ինչպես կարողանում էին երբեմն Գիսոպետի օրոք[109] ― էլի մի բան է, ես կպատմեի էշիս այն ամենը, ինչ որ խելքիս փչեր և այդպես կկարճեի իմ տխուր օրը։ Հե՞շտ բան է և կարո՞ղ է մարդկային համբերությունը բավել՝ դու ողջ կյանքդ արկածներ որոնիր, իսկ փոխարենը քեզ ջարդ ու բուրդ անեն, վերմակի վրա վեր֊վեր թռցնեն, քարկոծեն և բռունցքով խփեն, իսկ այդ ամենի վրա, չհանդգնես բերանդ բաց անել, չհանդգնես արտահայտել այն ամենը, ինչ որ դաղել է սիրտդ, ասես համր լինես։
― Ես հասկանում եմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դու մեռնում ես ցանկությունից, որ ես քո լեզվի վրա դրած արգելքը հանեմ։ Էհ, թող այդպես լինի, հանում եմ, ասա՛, ինչ որ ուզենաս, բայց պայմանով, որ այս թույլտվությունը ուժ ունենա, քանի դեռ մենք այս լեռներում ենք գտնվում։
― Թող այդպես լինի, ― պատասխանեց Սանչոն․ ― հիմա մի կուշտ խոսեմ, իսկ հետո միայն Աստված գիտե, թե ինչ կլինի։ Ուրեմն, ես օգտվելով ձեր թույլտվությունից, ահա թե ինչ կասեմ․ ձերդ ողորմածության ի՞նչ ցավն էր՝ այն Մախիմասա, թե ոնց էր անունը, թագուհուն պաշտպանելը։ Եվ ձեր ի՞նչ գործն է, որ ինչ֊որ Աբբատ նրա սիրահարն է եղել, թե չէ։ Դուք նրանց դատավո՞րն եք, ինչ եք։ Իսկ եթե դուք գժին ընդհատած չլինեիք, նա իր պատմությունը կավարտեր և գործը առանց քար խփելու, հարվածների և մի տասնյակ ապտակների գլուխ կգար։
― Հավատացնում եմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե դու էլ ինձ նման իմանայիր, թե Մադասիմա թագուհին ի՞նչ առաքինի և արժանավոր է եղել, դու կասեիր, թե ես, ընդհակառակը, շատ֊շատ համբերատարություն ցույց տվի, որ այդպես վատաբանողի գլուխը չջախջախեցի։ Մի՞թե մեծագույն պղծություն չէ կարծել ու ասել, թե թագուհին կարող էր ինչ֊որ սնղչու հարճը լինել։ Իսկ, իրոք, պատմությունն ասում է, թե Ելիսաբատ վարպետը, որին հիշատակեց այդ խելառը, պատվելի և ուսանելի խորհրդատու է եղել, որ ծառայել է թագուհուն՝ որպես բժիշկ և կառավարիչ։ Իսկ կարծել, թե նա թագուհու սիրողն է եղել ― անհեթեթություն է, որ արժանի է խիստ պատժի։ Ասենք՝ դու ինքդ էլ կհամաձայնես, որ Կարդենիոն ինքն էլ չգիտեր՝ ինչ էր ասում, եթե հիշես, որ այդ ասելիս, նա արդեն խելքը կորցրած էր։
― Հենց դրա համար, ― պատասխանեց Սանչոն, ― չարժեր գժի խոսքին ուշ դարձնել։ Չէ՞որ եթե բախտը ձերդ ողորմածությունը փրկած չլիներ և եթե քարը ձեր կրծքին կպած չլիներ, այլ գլխին, թագուհու լա՜վ պաշտպաններ դուրս կգայինք, ― թող աստված պախարակի այդ թագուհուն։ Իսկ Կարդենիոյից ի՞նչ կարելի է պահանջել՝ նա խելագար է։
― Յուրաքանչյուր թափառական ասպետ պարտավոր է պաշտպանել կնոջ պատիվը և՛ առողջ խելք ունեցողներից, և՛ խելագարներից, իսկ առավել ես՝ երբ որ Մադասիմայի պես բարձր և պատվելի թագուհու պատվի մասին է խոսքը, որին առանձնապես հարգում են նրա առաքինության համար։ Որովհետև նա ոչ թե սոսկ գեղեցիկ էր, այլև հազվադեպ խելացի և մեծ տոկունությամբ կրում էր իրեն բաժին հասած դժբախտությունները։ Իսկ Ելիսաբատ վարպետի հասարակությունն ու խորհուրդները նրա համար մխիթարանք ու օգնություն են եղել և օգնել են, որ նա բոլոր փորձությունների միջից խոհեմ և համբերատար անցնի։ Ահա թե ինչու տգետ ու չարամիտ ամբոխը հնարել է և սկսել պնդել, որ նրանք սիրահարներ են եղել։ Սակայն ես մեկ էլ կասեմ և երկու հարյուր անգամ կկրկնեմ՝ բոլոր այդպես մտածող ու ասողները ստախոսներ են։
― Ես որ բոլորովին այդ չեմ մտածում և չեմ ասում, ― պատասխանեց Սանչոն։ ― Թող նրանք այդ քսեն հացին և ուտեն։ Սիրահարներ եղել են, թե ոչ ― նրանք պատասխան կտան Աստծուն։ Դա իմ գործը չէ, ես բան չգիտեմ և ուրիշների գործը չեմ էլ ուզում իմանալ։ Ով որ գնում է և խարդախում, նա իր սեփական քսակում զգում է այդ։ Ես տկլոր եմ ծնվել և հիմա էլ տկլոր եմ։ Ես ոչ տարել եմ, ոչ էլ տանուլ տվել։ Եղե՞լ են նրանք արդյոք սիրահարներ ― իմ ի՞նչ գործն է։ Հաճախ կարծում ես, թե մարդիկ ճարպ ունեն, դու մի ասա, նրանք ճարպը կախելու համար չանգալ էլ չունեն։ Դաշտը կողպեքի տակ չի դրվի, իսկ բամբասանքը ― Աստծուն էլ են բամբասել։
― Տե՜ր ողորմյա, ― բացականչեց դոն Կիխոտը, ― այդ ի՞նչ դատարկ բաներ ես դուրս տալիս, Սանչո։ Ի՞նչ առնչություն ունի մեր զրույցը այն առածների հետ, որ դու շարում ես մեկը մյուսի հետևից։ Հանուն ամենայն սրբության՝ լռիր, Սանչո, և այսուհետ հոգ տար քո էշի մասին և մի խառնվիր այն գործերին, որ քեզ չեն վերաբերում։ Լարիր քո բոլոր հինգ զգայարաները և հասկացիր վերջապես, որ ամենը, ինչ որ ես արել եմ, անում եմ և կանեմ, միանգամայն խելացի է և համաձայն ասպետական օրենքներին, որ ես բոլոր ասպետներից լավ գիտեմ, որոնք երբևիցե եղել են աշխարհիս երեսին։
― Ասացեք, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― ասպետական օրենքներով ա՞յս էլ կարգ է, որ մենք առանց ճամփի և ուղու թափառենք լեռներում և որոնենք խելագարին։ Իսկ երբ որ մենք նրան գտնենք, ապա, գուցե, նրա խելքին փչի ավարտել այն, ինչ որ սկսել էր, ― և ես, իհարկե, պատմության մասին չեմ խոսում, որ նա չվերջացրեց, այլ ձեր ողորմածության գլխի և իմ կողերի մասին, որ նա վերջնականապես դեռ չի ջախջախել։
― Մեկ էլ եմ ասում քեզ, լռի՛ր, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― նկատի առ, որ ես սոսկ խելագարին գտնելու ցանկությունից չեմ ձգտում այս վայրերը։ Ես մտադիր եմ այստեղ այնպիսի սխրագործություն կատարել, որ աշխարհիս երեսին առհավետ կհռչակի իմ անունը և կկնքի բոլոր գործերը, որոնց շնորհիվ թափառական ասպետը կարող է հասնել փառքի և կատարելության։
― Իսկ այդ սխրագործությունը շա՞տ է վտանգավոր, ― հարցրեց Սանչո Պանսան։
― Ոչ, ― պատասխանեց Տխուր Պատկերի Ասպետը, ― թեև գործը կարող է այնպես էլ շուռ գալ, որ հաջողության փոխարեն մենք կարող լինենք տուժել։ Համենայն դեպս, ամեն ինչ քո ջանասիրությունից է կախված լինելու։
― Իմ ջանասիրությունի՞ց, ― բացականչեց Սանչոն։
― Այո՛, ― շարունակեց դոն Կիխոտը։ ― Ես մտադիր եմ քեզ մի տեղ ուղարկելու և եթե դու շուտ վերադառնաս, ապա իմ փորձություններն էլ շուտ կպրծնեն և շուտ կսկսվի իմ փառքը։ Եվ որովհետև պետք չէ, որ ես քեզ անհայտության մեջ պահեմ և մտամոլոր՝ իմ ասածների իմաստի նկատմամբ, ապա ես քեզ կասեմ, Սանչո, որ հռչակավոր Ամադիս Գաղղիացին ամենակատարյալ թափառական ասպետներից մեկն է եղել։ Ոչ, ես լավ չարտահայտվեցի։ Նա կատարյալ ասպետներից մեկը չէր, այլ միակը, առաջինը և աննմանը աշխարհիս երեսին և բոլոր ժամանակներում եղած բոլոր ասպետների մեջ։ Ամոթ և նախատինք Բելյանիսին և յուրաքանչյուր ոքի, ով պնդել է, որ գեթ մի բանով հավասարվել է նրան։ Երդվում եմ՝ նրանք մոլորված են եղել։ Ապա կասեմ, որ ամեն մի արվեստագետ, որ ձգտում է իր արվեստով հռչակվել, աշխատում է այն վարպետների ստեղծագործություններին նմանվել, որոնց նա համարում է ամենամեծ վարպետներ։ Նույն կանոնը տարածվում է բոլոր աչքի ընկնող արհեստների և զբաղմունքների վրա, որոնք ծաղկեցնում են պետությունը։ Եվ ով որ համբերող և խոհեմ մարդու համբավ է ուզում ունենալ, պետք է նմանվի Ուլիսին և նրա գործերին ― որովհետև ի դեմս նրա, Հոմերոսը մեզ տվել է խոհեմության կենդանի նկարագրություն, ճիշտ այնպես, ինչպես Վիրգիլիոսը ի դեմս Էնեոսի նկարագրել է մեզ համար խոնարհ որդու առաքինությունն ու արի ու հաշվով առաջնորդի իմաստությունը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը նկարագրել են իրենց հերոսներին ոչ թե այնպես, ինչպես նրանք եղել են, այլ ինչպես նրանք պետք է լինեին, կամենալով նրանց վեր հանել որպես օրինակ գալիք սերունդների համար։ Ճիշտ նույնպես և Ամադիսը՝ բոլոր արի և սիրահարված ասպետների կողմնացույցը, լուսատուն և արևն է եղել, և մենք բոլորս, որ պայքարում ենք սիրո և ասպետության դրոշակի տակ, պարտավոր ենք նմանվելու նրան։ Այս բոլորը նկատի առնելով՝ ես, Սանչո բարեկամս, համարում եմ, որ ասպետական գործում թափառական ասպետներից ամենից շատ կատարելության կմոտենա նա, ով որ կաշխատի նմանվել Ամադիսին ավելի, քան բոլոր մյուսներին։ Այդ ասպետը մեծագույն չափով դրսևորել է իր խոհեմությունը, արիությունը, քաջությունը, տոկունությունը, հաստատակամությունն ու սերը այն վայրկյանին, երբ որ, մերժված տիրուհի Օրիանայի կողմից, նա Պենյա Պոբրե հեռացավ և իր վրա ապաշխարանք դրեց, իր անունը փոխելով և Բելտենբրոս դնելով․ ճշմարիտ որ շատ արտահայտիչ և համապատասխան այն կյանքին, որ նա հոժարակամ ընտրեց։ Համ էլ, իհարկե, ավելի հեշտ է նրան նմանվել այդ դեպքում, քան նրա օրինակով կոտորել հսկաներին, գլխատել վիշապներին, սպանել անդրիակներին,[110] փախուստի ենթարկել բանակներին, ցրել նավատորմիղներ և քանդել կախարդների հմայքը։ Այս տեղն էլ շատ նպաստավոր է իմ հղացած գործի համար։ Ուստի պետք չէ փախցնել հարմար առիթը, որ այնքան հաճոյակատարությամբ ինձ դեմ է անում իր գանգուրները։[111]
― Սակայն վերջ ի վերջո, ― հարցրեց Սանչոն, ― ձերդ ողորմածությունն ի՞նչ է մտադիր ձեռնարկելու այս ամայի վայրում։
― Չէ՞ որ ես քեզ ասացի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ես մտադիր եմ նմանվել Ամադիսին և այնպես վարվել, իբրև թե ես կորցրել եմ խելքս, հուսահատվել եմ և կատաղել, միաժամանակ ես կնմանվեմ նաև արի դոն Ռոլանդին, երբ որ նա աղբյուրի մոտի հետքերից գլխի ընկավ, որ գեղեցիկ Անջելիկան անպատվել է իրեն Մեդորի հետ։[112] Ռոլանդը դարդից խելակորույս եղավ, սկսեց ծառերն արմատախիլ անել, վտիտ գետակների ջրերը պղտորել, սպանել հովիվներին, բնաջինջ անել հոտերը, հրկիզել տնակները, խորտակել տները, փախցնել մադիաններին և հազար ու մի այլ գժություններ անել, որոնք արժանի են պատմաբանների հավերժական փառաբանության։ Ասենք՝ ես մտադիր չեմ ամեն բանով հետևելու Ռոլանդի, Օռլանդոյի կամ Ռոտոլանդոյի (նրան կարելի է այս անուններից որն ուզենաս տալ) օրինակին և ճիշտ ու ճիշտ կատարել այն գժությունները, որ նա արել, խորհել կամ արտահայտել է։ Ոչ, ես կարյացս չափ կվերարտադրեմ միայն այնպիսիները, որ ինձ ամենաէականներն են թվում։ Կամ թե չէ կբավարվեմ նմանվելով միայն Ամադիսին, որը ոչ մի կործանարար գժություն չէր անում, այնուհանդերձ սոսկ իր արցունքներով ու զգացմունքներով անգերազանցելի հռչակ ձեռք բերեց։
― Ինձ թվում է, ― ասաց Սանչոն, ― թե ասպետները, որ այդ ամենն անում են, հարկադրված են եղել անելու և առանց պատճառի չէ, որ ապաշխարել և այդ բոլոր հիմարությունները կատարել են։ Իսկ ձերդ ողորմածությո՞ւնն ինչ պատճառ ունի գժվելու։ Այն ի՞նչ տիրուհի է ձեզ մերժել։ Միթե դուք հետքե՞ր եք գտել և գլխի ընկել, որ տիրուհի Դուլսինեա Տոբոսցին չարաճճիություն է արել մավրի կամ քրիստոնյայի հետ։
― Բանն էլ հենց այդ է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այդ գործի ամբողջ նրբությունը հենց այդ է։ Եթե թափառական ասպետը խելագարվում է, ունենալով դրա համար կատարյալ հիմք, դրա մեջ ո՛չ արժանիք կա, ո՛չ սխրագործություն։ Այլ բան է խելագարվել հենց այնպես, առանց որևէ պատճառի։ Այն ժամանակ իմ տիրուհին կհասկանա, թե ինչի եմ ընդունակ ես, եթե ինձ հրացանի պես լցնեն, եթե ես առանց լցնելու էլ կարող եմ այդպես վարվել։ Համ էլ երկար անջատումը իմ Դուլսինեա Տոբոսցուց, որ առհավետ նվաճել է իմ սիրտը, ինձ համար միանգամայն բավարար հիմք է։ Չէ՞ որ դու լսեցիր մեր բարեկամ հովիվ Ամբրոսիոյի խոսքը՝ սիրածի հետ անջատված պահին մենք տառապում ենք և ամեն բանից երկյուղ կրում։ Այսպիսով, Սանչո բարեկամս, ժամանակ մի կորցրու, աշխատելով ինձ հետ կանգնեցնել այնքան հազվագյուտ, երջանիկ և մինչև օրս չտեսնված նմանողությունից։ Ես քո ձեռքով նամակ կուղարկեմ իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն և, մինչև որ դու չվերադառնաս պատասխանով, ես կխելագարվեմ ու խելագարություն կանեմ։ Եվ եթե նա իր պատասխանում ըստ արժանվույն կգնահատի իմ հավատարմությունը, այն ժամանակ կվերջանա իմ խելագարությունն ու ապաշխարանքը, իսկ եթե ոչ, ես իսկ որ կխելագարվեմ, և արդեն ոչինչ չեմ զգա։ Ուրեմն, ինչ էլ նա պատասխանելու լինի, իմ տառապանքներն ու փորձությունները կպրծնեն։ Եթե դու ինձ ուրախություն բերելու լինես, ես կվայելեմ առողջ բանականությամբ, իսկ եթե ցավ, ես չեմ զգա, որովհետև զրկված կլինեմ բանականությունից։ Սակայն, ասա ինձ, Սանչո, դու հո Մամբրինի սաղավարտը պահե՞լ ես։ Որովհետև ես նկատեցի, որ դու գետնից վերցրիր, երբ որ այն անշնորհակալի մեկը կամենում էր փշուր֊փշուր անել։ Բայց այդ չհաջողվեց նրան։ Դու տեսնում ես, որ այդ սաղավարտը ամրակուռ է։
Սանչոն դրան պատասխանեց․
― Աստված վկա, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, դուք երբեմն այնպես եք խոսում, որ ուղղակի ուժս ու համբերությունս հերիք չի անում։ Լսում եմ ձեզ, լսում և գլխովս անցնում է, որ ձեր բոլոր խոսակցությունները ասպետության մասին, թագավորություններ ու պետություններ նվաճելու մասին, ինձ կղզի շնորհելու, ողորմածություն ու պատիվ շնորհելու մասին, ինչպես այդ ընդունված է թափառական ասպետների մոտ, որ այդ ամենը դուք դատարկ֊դատարկ եք դուրս տալիս և այդ ամենը ― առասպել են ասում, ինչ են ասում։ Թե մեկը լսելու լինի, որ ձերդ ողորմածությունը դալլաքի լագանը Մամբրինի սաղավարտ է անվանում և հինգ օր է ահա, որ չի կարողանում համոզվել, որ դա այդպես չէ, ի՞նչ կմտածի ձեր մասին, քանի որ դուք ասում ու պնդում եք նման բաներ։ Ուրիշ բան չի ասի, քան եթե դուք խելագարվել եք։ Այդ լագանը իմ պայուսակի մեջն է և թեև նա ծռմռվել էր, ես էլի վերցրի այն։ Եթե Աստված ինձ շնորհ բաշխի և դարձնի ինձ տուն կնոջս ու երեխաներիս մոտ, ես այն կդրստեմ և ածիլվելու կօգտագործեմ։
― Լսիր, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― ինչպես նոր դու երդվեցիր Աստծու անունով, այնպես ել ե՛ս եմ երդվում՝ աշխարհիս երեսին դեռևս այնքան հաստագլուխ զինակիր չի եղել, ինչպես դու ես։ Միթե այն ժամանակի ընթացքում, որ դու ինձ ուղեկցում ես, դու դեռ չե՞ս համոզվել, որ բոլոր առարկաները, որոնց դիպչում են թափառական ասպետները, թվում են ցնորք, անհեթեթ ու անմիտ բաներ, մի խոսքով՝ նրանց շուրջը ամեն ինչ հակառակն է երևում։ Եվ այդ նրանից չէ, որ նրանք, իրոք, այդպես են, այլ նրանից, որ մեզ միշտ շրջապատում են կախարդների խմբեր, որոնք կախարդում են և փոխում բոլոր առարկաները, նայած թե մեզ բարեբարե՞լ են ուզում, թե՞ կործանել։ Եվ ահա այն, ինչ քեզ դալլաքի լագան է երևում, ինձ Մամբրինի սաղավարտ է երևում, իսկ մի ուրիշին՝ մի այլ բան։ Ինձ հովանավորող իմաստունը ցուցաբերեց իր հազվագյուտ իմաստությունը, այնպես անելով, որ Մամբրինի իսկական և իրական սաղավարտը լագան թվա։ Այլապես բոլորն էլ ինձ կհալածեին և կաշխատեին խլել այն, որովհետև այդ սաղավարտը շատ թանկարժեք բան է։ Բայց մարդիկ խորհում են, որ դա մի լագան է, ուստի և հետամուտ չեն լինում։ Մտաբերիր միայն, որ մեր հակառակորդը նախ փորձեց այն կոտրել, ապա շպրտեց գետնին և նույնիսկ ջանք չգործեց բարձրացնելու։ Հավատացնում եմ քեզ, որ եթե նա ճշմարտությունն իմանար, նա այդպես երեսի վրա չէր թողնի այն։ Պահիր այն, բարեկամս, որովհետև առայժմս ինձ պետք չէ։ Հիմա, ընդհակառակը, ես կհանեմ վրայիս զրահներն ու կմնամ տկլոր, ինչպես մայրս է ինձ ծնել, եթե միայն որոշելու լինեմ իմ ապաշխարանքում ավելի Ռոլանդին նմանվել, քան Ամադիսին։
Այսպես զրուցելով նրանք հասան մի բարձր սարի ստորոտը, որ սլանում էր՝ վեր ուրիշ լեռների բազմության միջից։ Խաղաղ վտակը ոլորվում էր նրա կողերով և գոտեպնդում մի սքանչելի կանաչ դաշտ, որի վրա առանց հիացումի չէր կարելի նայել։ Այստեղ բազմաթիվ վայրի ծառեր էին բսնում և բույս ու ծաղիկների այդ վայրը առավել ևս դուրեկան էին դարձնում։ Այս տեղը Տխուր Պատկերի Ասպետն ընտրեց իր ապաշխարանքի վայրը և տեսավ թե չէ, բարձրաձայն, խելագարի պես խոսեց․
― Օ՜, երկինք, ահա այն վայրը, որ ես նշանակում և ընտրում եմ, որպեսզի ողբամ քո ինձ առաքած դժբախտությունները։ Ահա այն վայրը, որտեղ իմ աչքերի հեղուկը կմիախառնվի վտակի կոհակներին, որտեղ իմ անդադրում հոգվոցներից անընդհատ կսոսափեն լեռնային ծառերի տերևները՝ վկայելով և զրուցելով հոշոտված սրտի ցավերը։ Օ՜, ով էլ որ լինեք դուք, գեղջկական աստվածներ, որ ապրում են այս անմարդաբնակ վայրում, լսեցեք չարաբախտ սիրահարի գանգատները։ Երկարատև անջատումը և խանդոտ կասկածները մղում են նրան տոչորվելու լեռնային կիրճերում և գանգատվելու անզգա գեղեցկուհու անհողդողդությունից ― նրա, որ աշխարհիս երեսի ամենից գեղեցիկ թագ ու պսակն է։ Օ՜, դուք նապեներ ու դրիադներ,[113] որ սովորաբար ապրում եք լեռների անտառապատ կողերում, թո՛ղ արագաշարժ ու տռփոտ Սատիրները, որոնք առանց փոխադարձության սիրահարված են ձեզ վրա, երբեք չխռովեն ձեր ուրախ հանգիստը և չխանգարեն ձեզ ինձ հետ ողբալու իմ աղետները կամ առնվազն առանց հոգնելու ունկնդրելու իմ հառաչանքներին։ Օ՜, Դուլսինեա Տոբոսցի, ցերեկ իմ գիշերում, իմ տանջանքի փառքը, իմ ուղիների կողմնացույցը, իմ երջանկության աստղը ― թո՛ղ երկինքը բարեհաճորեն կատարի քո բոլոր իղձերը ― նայի՛ր լոկ, թե ինչ օրի է հասցրել ինձ անջատումը և, ողորմած դու, պարգևատրիր ըստ արժանվույն իմ հավատարմությունը։ Օ՜, մենավոր ծառեր, այսուհետև իմ մենակության ընկերներ, ճյուղերի քնքուշ օրորումով ինձ նշան արեք, որ իմ ներկայությունը չի ծանրաբեռնում ձեզ։ Օ՜, դու զինակիրդ իմ, իմ հաջողությունների և աղետների հաճելի ուղեկից, տպավորիր քո հիշողության մեջ այն ամենը, որ ես հիմա կանեմ և հաղորդիր ու պատմիր այդ իմ բոլոր արարմունքի միակ մեղապարտին։
Այդ ասելով նա վայր թռավ Ռոսինանտից և վայրկենաբար հանեց նրա թամքն ու սանձը, ապա ձեռքը խփեց նրա գավակին ու ասաց․
― Օ՜, երիվար, նույնքան հռչակված սեփական սխրագործություններով, որքան զրկված բախտից։ Քեզ ազատություն է շնորհում նա, ով որ ինքը զուրկ է ազատությունից։ Գնա, ուր որ կամենաս, որովհետև քո ճակատին գրված է, թե ոչ Աստոլֆի Հիպոգրիֆը, ոչ հռչակավոր Ֆրոնտինոն, որ այնքան թանկ նստեց Բրադամանտի վրա,[114] չեն համեմատվի քեզ հետ արագությամբ։
Իսկ Սանչոն տեսնելով այդ, ասաց․
― Սատանան տանի նրան, ով որ ազատեց մեզ գորշ էշիս փալանը հանելու հոգնությունից։ Ես էլ կարող էի խփել նրա մեջքին և ամեն տեսակ գովասանքներ ասել նրան։ Ասենք, եթե նա այստեղ լիներ, ես ոչ մի դեպքում չէի համաձայնի նրա փալանը հանել, ինչի՞ է պետք այդ։ Նրան ի՞նչ սիրահարների խելագարությունը, որ հուսակտուր են եղել, քանի որ Աստծուն հաճելի է եղել, որ նրա տերը ես լինեմ, ե՛ս, որ բնավ սիրահարված չեմ։ Բայց, ճիշտն ասած, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, եթե ձերդ ողորմածությունը լուրջ մտադիր է ինձ տեղ ուղարկելու և ապա խելագարվելու, ապա պետք է նորից թամքել Ռոսինանտին։ Նա կփոխարինի իմ կորած էշին, և այդպիսով ես ավելի շուտ կերթամ ու կվերադառնամ։ Իսկ եթե ես հարկադրված լինեմ ոտով գնալու, ապա գլուխ չեմ հանում, թե երբ տեղ կհասնեմ և երբ հետ կգամ, որովհետև, շիտակ ասած, ես ոտով գնալում ղոչաղ չեմ։
― Ի՞նչ կա որ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― թող քո ասածը լինի, ― քո կարծիքը վատ չէ։ Դու այստեղից դուրս կգաս երեք օրից, որովհետև ես ուզում եմ, որ դու տեսած լինես, թե ես ինչ եմ անում ու ասում, իսկ հետո այդ պատմես նրան։
― Էլ ինչի՞ն նայեմ, ― ասաց Սանչոն։ ― Քի՞չ եմ տեսե՜լ։
― Դու բան չես հասկանում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ահա հիմա ես կսկսեմ պատառոտել իմ շորերը, կշպրտեմ դես ու դեն զրահներս, գլուխս քարով կտամ և այլ նման բաներ կանեմ, որ կմնաս զարմացած։
― Ի սեր Աստծու, ― ասաց Սանչոն, ― զգույշ խփեցեք ձեր գլուխը քարին, չէ՞ որ կարող է այնպիսի ժայռ պատահել և խփել գլուխը այնպիսի ժայռի, որ ձեր ողջ ապաշխարանքի օյինը միանգամից կպրծնի։ Եվ ահա թե ինչ խորհուրդ կտամ ձերդ ողորմածության՝ քանի որ դուք համարում եք, որ այդ գործում անհրաժեշտ է ճակատը խփել քարին և առանց դրան յոլա գնալ չի լինի, և քանի որ այդ ամբողջ պատմությունը հնարած բան է, ղալբ բան ու կատակերգություն, արդյոք բավական չէ՞ր լինի, որ ձերդ ողորմածությունը գլուխը ջրին խփեր կամ ուրիշ ավելի փափուկ առարկաների, ասենք՝ բամբակի, իսկ մնացածը ― ինձ թողնեք։ Իսկ ես տիրուհի Դուլսինեային կասեմ, որ ձերդ ողորմածությունը գլուխը տալիս էր սրածայր ժայռերին, որ ալմաստի պես ամուր են։
― Շնորհակալ եմ քո բարի ցանկության համար, Սանչո բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց ես պետք է ասեմ, որ այդ ամենը ես կատակի համար չեմ անում, այլ լուրջ, որովհետև ես այլապես խախտած կլինեմ ասպետականության օրենքները, որ արգելում են սուտը, իբրև կանոնադրության խախտում, ― իսկ մեկ բան անել մյուսի փոխարեն ― ստություն չէ։ Ահա թե ինչու գլուխը քարովը տալը պետք է իսկական լինի, ուժգին, կատարյալ, առանց կեղծիքի և ձևանալու որևէ խառնուրդի։ Անհրաժեշտ է նույնպես, որ դու ինձ համար մի քիչ ծվատ թողնես, բուժվելու համար, քանի որ բախտի բերմամբ մենք բալասանը կորցրել ենք։
― Ավելի վատն այն է, որ մենք կորցրինք էշին, ― պատասխանեց Սանչոն։ ― Չէ՞ որ նրա վրա էր ծվատն էլ, մնացած բաներն էլ։ Իսկ այն անիծված խմիչքը, աղաչում եմ, ձերդ ողորմածություն, ավելի լավ է՝ չհիշենք։ Բավական է, որ նրա անունը լսեմ, ոչ միայն հոգիս է շուռ գալիս, այլև ստամոքսս։ Մի բան էլ խնդրեմ՝ երևակայեցեք, որ ձեր նշանակած երեք օրվա ժամանակը դուրս է եկել, որ ձեր բոլոր գժությունները ես տեսել եմ, և այդ գործը համարում եմ վճռված ու վերջացած, իսկ ես մեր տիրուհուն հրաշք բաներ կփչեմ։ Դե, նամակ գրեցեք և շուտով ինձ ճամփա դրեք, որովհետև ես շատ եմ ուզում շուտ վերադառնալ և փրկել ձերդ ողորմածությանը այս քավարանից։
― Դու քավարա՞ն ես կոչում այս, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ավելի ճիշտ կլիներ, դժոխք անվանել կամ էլ՝ ավելի վատ, եթե միայն աշխարհիս երեսին ավելի վատ վայրեր կան։
― Մարդիկ ասում են, ― պատասխանեց Սանչոն, ― թե դժոխք ընկածի համար ― nulla est retentio։[115]
― Չեմ հասկանում retentio ինչ ասել է, ― ասաց դոն Կիխոտը։
― Retentio, ― պատասխանեց Սանչոն, ― կնշանակի՝ ով որ ընկել է դժոխքը, այլևս այնտեղից դուրս գալ չի կարող։ Իսկ ձերդ ողորմածության բանը հակառակն է լինելու, եթե միայն ոտներս չգոսանան և կարողանամ խթանել Ռոսինանտին։ Հենց որ Տոբոսո հասա և մեր տիկին Դուլսինեային ներկայացա, ես նրան այն տեսակ բաներ կասեմ հիմարությունների և գժությունների մասին (որ միևնույն բանն է), որ ձերդ ողորմածությունը արել է և շարունակում է անել, որ նա ձեռնոցից փափուկ կդառնա, թեև մինչ այդ կաղնուց էլ ամուր եղած լիներ։ Ապա, նրա մեղրի պես քաղցր պատասխանը հետս, ես կախարդի պես հետ կթռչեմ օդով և ձերդ ողորմածությանը կհանեմ այն քավարանից, որ միայն արտաքուստ է դժոխքի նմանում, քանի որ դուք հույսներդ չեք կտրում, որ այնտեղից դուրս կգաք ― իսկ ես արդեն զեկուցեցի ձեզ, որ դժոխքում մեղավորներն այդ հույսը չունեն, և ես չեմ կարծում, որ ձերդ ողորմածությունը կարող լինի ինձ մի բան առարկել։
― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց Տխուր Պատկերի Ասպետը։ ― Բայց նամակը ինչպե՞ս գրենք։
― Եվ գրությունը, որ էշի քուռակներն ստանամ, ― ավելացրեց Սանչոն։
― Ամեն ինչ կլինի, ամեն ինչ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միայն մենք թուղթ չունենք, ուստի և պետք է, որ մենք հին մարդկանց օրինակով ծառերի տերևների և մոմած տախտակերի վրա գրենք, թեև այստեղ մոմած տախտակներ գտնելը նույնքան դժվար կլինի, որքան թուղթ գտնելը։ Բայց ահա երջանիկ մի միտք՝ չէ՞ որ ես այդ գործի համար կարող եմ օգտվել Կարդենիոյի հուշատետրից։ Իսկ դու առաջին իսկ ավանում, որտեղ որ հասար, աշխատիր որևէ դպրոցի ուսուցիչ կամ գոնե տիրացու գտնել և նամակս լավ թղթի վրա և գեղեցիկ ձեռքով արտագրել տուր։ Միայն թե տես, գրագիրներին չտաս, որ սովորաբար գրում են գրիչը թղթից չպոկելով, այնպես որ նրանց ձեռքը սատանան էլ չի ջոկում։
― Իսկ ստորագրություն ինչպես անենք, ― հարցրեց Սանչոն։
― Ամադիսը իր նամակները երբեք չէր ստորագրում, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Այդ այդպես է, ― ասաց Սանչոն, ― բայց գրությունը անպատճառ պետք է ստորագրած լինի, իսկ եթե արտագրել տալու լինենք, անշուշտ կասեն, թե ստորագրությունը կեղծ է, և ես այդպես էլ առանց քուռակների կմնամ։
― Գրությունը ես հուշատետրում կստորագրեմ, և երբ որ քրոջս աղջիկը իմ ձեռքը տեսնի, առանց որևէ դժվարության իմ հանձնարարությունը կկատարի։ Գալով սիրային գրության՝ կարգադրիր, որ այսպես ստորագրեն՝ «Ցգերեզման ձեր Տխուր Պատկերի Ասպետ»։ Փույթ չէ, որ ուրիշի ձեռքով գրված կլինի, որքան ես հիշում եմ, Դուլսինեան ո՛չ գրել գիտե, ո՛չ կարդալ և իր ողջ կյանքում ոչ իմ նամակի երեսն է տեսել, ոչ իմ ձեռքի, որովհետև մեր փոխադարձ սերը միշտ պլատոնական է եղել և պարկեշտ հայացքներից դենը չի անցել։ Նայելն էլ մենք իրար շատ հազվադեպ ենք նայել, և ես խղճի մտոք կարող եմ երդվել, որ ամբողջ տասներկու տարվա ընթացքում ես նրան իմ աչքի լույսից ավել եմ սիրում, աչքի, որ վաղ թե ուշ հողի տակը կերթա, ես նրան չորս անգամ էլ տեսած չեմ լինի և շատ հնարավոր է, որ նա ինքը նկատած էլ չլինի, որ ես նայել եմ նրան՝ ահա թե ինչքան խիստ ու փակ են կրթել Դուլսինեային Լորենսո Կորչուելոն՝ նրա հայրը և նրա մայր՝ Ալդոնսա Նոգալեսը։
― Պա֊պա֊պա֊պա, ― բացականչեց Սանչոն։ ― Կնշանակի տիրուհի Դուլսինեա Տոբոսցին ոչ այլ ոք է, քան եթե Լորենսո Կորչուելոյի, այլապես Ալդոնա Լորենսոյի աղջի՞կը։
― Այո՛, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և նա արժանի է ամբողջ աշխարհի թագուհին լինելու։
― Ես նրան շատ լավ ճանաչում եմ, ― պատասխանեց Սանչոն, ― բարրուն նա այնպես է նետում,[116] որ ամենաուժեղ երիտասարդը գյուղում նրան չի հասնի։ Թող Աստված պատժի ինձ, այնպես աղջիկ է, որ լավ ու լիքը ― տռուզ կնիկ է։ Նա ինչ ասպետ ասես՝ թափառական թե թափառելու մտադիր, միրքից կբռնի ցեխից կհանի, եթե միայն իր սիրածը լինի։ Գետի՜նը մտնեմ, ի՜նչ ուժ ունի, ի՜նչ ձայն։ Պետք է ձեզ ասեմ, որ մի անգամ նա բարձրացել էր զանգակատունը և կանչում էր իր հոր բատրակներին, որ աշխատում էին դաշտում, և թեև նրանք գյուղից ավելի քան կես մղոն հեռու էին, նրանք նույնքան պարզ լսեցին, ասես թե զանգակատան կողքին կանգնած լինեին։ Իսկ ամենալավը նրա մեջ այն է, որ իսկի նազ ու թազ չի ծախում, բոլորին վրա է տալիս,[117] բոլորի հետ հանաք֊մասխարություն է անում և ամեն ինչ նրան ծիծաղեցնում ու զվարճացնում է։ Հիմա ես կարող եմ ասել, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, որ դուք ոչ միայն կարող եք և պետք է որ նրա համար գժություններ անեք, այլ որ ձերդ ողորմածությունը կատարյալ հիմք ունի հուսակտուր լինելու և անգամ կախվելու, իսկ եթե մեկն ու մեկը այդ իմանա, ապա, անշուշտ, կասի, որ դուք վերին աստիճանի ճիշտ եք արել, անգամ եթե ինքը սատանան հետո ձեզ դժոխքը տանելու լինի։ Ես անհամբեր եմ ճամփա ընկնելու, որպեսզի նրան տեսնեմ։ Քանի օր է, ինչ նրան չեմ տեսել և, և երևի, նա փոխված կլինի։ Չէ՞որ նա միշտ դաշտում է լինում, բաց օդում և բարկ արևի տակ, ― իսկ դրանից կնոջ դեմքը փչանում է։ Էհ, հիմա, սինյոր դոն Կիխոտ, ձերդ ողորմածությանը մի ճշմարտություն բանամ՝ մինչև օրս ես խորին տգիտության մեջ եմ եղել, որովհետև հաստատ ու ամուր կարծում էի, թե տիրուհի Դուլսինեան, որին ձեր ողորմածությունը սիրահարված է, ինչ֊որ իշխանուհի է կամ ընդհանրապես կարևոր անձ, արժանի այն ճոխ նվերների, որ ձերդ ողորմածությունը նրան ուղարկում էր։ Չէ՞ որ դուք նրան ուղարկեցիք բիսկայցուն, տաժանակիր աշխատանքի դատապարտյալներին և, երևի, շատ ուրիշ բաներ, ― երևի՛ ձերդ ողորմածությունը քիչ հաղթանակներ չի տարել այն պահին, երբ որ ես դեռ ձեր զինակիրը չեմ եղել։ Բայց լավ միտք արեք, տիրուհի Ալդոնսա Լորենսոյին, այսինքն՝ ուզում եմ ասել տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն ի՞նչ օգուտ, որ ձերդ ողորմածությունը նրա մոտ հաղթվածներ է ուղարկում և ուղարկելու է, իսկ սրանք ծունկ են չոքելու նրա առջև։ Չէ՞ որ կարող է պատահել, որ նրանց գալստյան վայրկյանին նա կտավատ գցելիս լինի կամ կալ կալսելիս։ Նրանք, այդպիսի աշխատանքի վրա գտնելով նրան, կբարկանան, իսկ նա ձեր նվերի վրա կխնդա ու կնեղանա։
― Քանի֊քանի անգամ ես քեզ արդեն ասել եմ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― որ դու մեծ շաղակրատ ես և թեև բթամիտ ես, բայց շարունակ սրախոսում ես։ Սակայն որպեսզի քեզ համար պարզ լինի, թե որքան դու հիմար ես և որքան ես խելոք եմ, ես քեզ մի փոքրիկ զրույց կպատմեմ։ Լինում է, չի լինում մի երիտասարդ և գեղեցիկ այրի կին։ Նա ազատ, հարուստ և ոչ խիստ բարքերի տեր է լինում և սիրահարվում է մի ջահել աբեղայի՝ հաղթանդամ ու զորեղ մի տղայի։ Լուրը հասնում է վանահորը և մի անգամ, իբրև թե բարի խորհուրդ, նա ասում է բարի այրուն․ «Զարմանում եմ ես, տիրուհի, և ոչ առանց պատճառի՝ ձերդ ողորմածությունը, ազնվական, գեղեցիկ և հարուստ լինելով, սիրահարվել է այսպիսի մի կեղտոտ, կոպիտ և ախմախ գյուղացու։ Մինչդեռ մեր վանքում այնքան մագիստրոսներ, դասախոսներ և աստվածաբաններ կան, և ձերդ ողորմածությունը կարող էր ընտրել որ խմբից էլ ուզենար ըստ իր ճաշակի և ասել՝ «սրան չեմ ուզում, նրան եմ ուզում»։ Տիրուհին դրան շատ ուրախ և անբռնազբոսիկ պատասխանել է․ «Ձերդ ողորմածությունը, սինյորդ իմ, չարաչար սխալվում է և շատ է հետ մնացել դարից, եթե կարծում է, որ ես սիրահարի լավ ընտրություն չեմ արել, թեև նա ախմախ է երևում ― որովհետև այն բանում, որ ես նրանից պահանջում եմ, նա նույնպիսի փիլիսոփա է, ինչպես և Արիստոտելը, գուցե և ավելի»։ Ահա՛, Սանչո, այն բանում, որ ինձ պետք է Դուլսինեա Տոբոսցուց, նա աշխարհիս ամենաազնվազարմ տիկնոջ դիմաց տեղի չի տա։ Բոլոր պոետները, որ կամայականորեն ընտրած անունների տակ փառաբանում են իրենց տիկիններին, իրականում հո չեն սիրահարված նրանց վրա։ Մի՞թե դու կարծում ես, որ բոլոր Ամարիլիսները, Ֆիլիները, Սիլվիները, Դիանաները, Գալաթեաները, Ֆիլիդները և այլ տիկիններ, որոնցով ողողված են գրքերը, երգերը, դալլաքների դուքանները և թատրոնները, իրականում միս ու արյուն առած կանայք են եղել և նրաց սիրուհիներն են եղել, ովքեր նրանց երգել կամ երգում են։ Իհարկե ո՛չ։ Մեծ մասամբ պոետները նրանց ուղղակի հնարում են, որպեսզի մեկնումեկի մասին ոտանավոր գրած լինեն և որպեսզի ամենքը նրանց սիրահարված համարեն կամ սիրո արժանի մարդիկ։ Ինձ համար էլ միանգամայն բավական է երևակայել և հավատալ, որ այդ փառավոր Ալդոնսա Լորենսոն գեղեցիկ և ազնիվ աղջիկ է։ Գալով նրա տոհմի մաքրության՝ այդ էական չէ։ Ո՞վ է նրա մասին տեղեկանք քաղելու, ինչպես այդ արվում է որևէ Ուխտի մեջ մտնելու միջոցին։[118] Ուստի ինձ համար նա ամենաազնվազարմ իշխանուհին է աշխարհիս երեսին։ Դու պետք է իմացած լինես, Սանչո, եթե միայն դու այդ չգիտես, որ երկու բան առանձնապես սեր են հարուցանում, այն է՝ մեծ գեղեցկությունը և բարի համբավը և այդ երկուսն էլ հատուկ են Դուլսինեային։ Ոչ ոք չի հասնի նրան գեղեցկությամբ, իսկ բարի համբավով նրա հետ քիչ կին վեճի կբռնվի։ Մի խոսքով, ես համարում եմ, որ իմ բոլոր խոսքերը ― ոչ ավել, ոչ պակաս ― զուտ ճշմարտություն է, և իմ երևակայության մեջ ես նրան այնքան չքնաղ և ազնիվ եմ պատկերում, ինչքան ես կամենում եմ նրան տեսած լինել։ Նրան չի հասնի Հեղինեն, նրա հետ չեն կարող մրցել ոչ Լուկրեցիաները, ոչ էլ անցած ժամանակների հույն, բարբարոս և լատին հռչակավոր կանայք։ Եվ թող մարդիկ ինչ ուզում են՝ ասեն։ Որովհետև եթե համբակները ինձ պարսավելու լինեն, ապա խիստ դատավորները չեն կարողանա դատապարտել ինձ։
― Խոստովանում եմ, որ ձերդ ողորմածությունը միանգամայն արդարացի է, ― պատասխանեց Սանչոն, ― իսկ ես էլ էշ եմ։ Միայն թե ինչի՞ց էր, որ բերնիցս «էշ» բառը դուրս թռավ։ Ախր, կախվածի տանը թոկից չեն խոսի։ Դեհ, նամակը տվեք և մնաք բարով, ես մեկնում եմ։
Դոն Կիխոտը հանեց հուշատետրը և, մի կողմ քաշվելով, սկսեց կենտրոնացած նամակ գրելը, և ապա ավարտելով մոտ կանչեց Սանչոյին և ասաց, որ կամենում է նրան կարդալ իր թուղթը, որպեսզի նա անգիր հիշի, եթե բան է, ճամփին կորցնելու լինի, որովհետև բախտը այնքան դաժան է իր նկատմամբ, որ ամեն բանից պետք է զգուշանալ։ Սանչոն դրան պատասխանեց․
― Դուք, ձերդ ողորմածություն, հուշատետրում մի երկու կամ երեք անգամ գրեցեք և ինձ տվեք էլի, իսկ ես սաղ֊սալամաթ տեղ կհասցնեմ։ Իսկ եթե դուք կարծում եք, որ ես կարող եմ անգիր անել, ապա ներողամիտ եղեք՝ իմ հիշողությունն այնքան ծակ է, որ ես հաճախ իմ սեփական անունն էլ եմ մոռանում, իսկ կարդալը ― կարդացեք, ինձ համար հաճելի կլինի լսելը։ Երևի զորս դու պատվիրեցեր է գրված։
― Դե լսիր, թե ես ինչ եմ գրել, ― ասաց դոն Կիխոտը։
Դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն
- Բարձր ու իշխանազոր տիրուհի
Քեզնից անջատման խայթից մինչև սրտի խորքը վիրավորված ու խոցված ասպետը, օ՜հ, քաղցրագույն Դուլսինեա Տոբոսցի, քեզ առողջություն է ցանկանում, թեև ինքը զրկված է նրանից։ Եթե քո գեղեցկությունը արհամարհում է իմը, եթե քո արժանիքները կռվի են ելնում իմ դեմ, եթե քո արհամարհանքը ինձ կործանում է բերում, ― թեև ես սովոր եմ տառապանքի, այդ ցավը ես չեմ տանի, քանի որ նա ոչ միայն խորը, այլև տևական է։ Իմ բարի զինակիր Սանչոն քեզ լիակատար հաշիվ կտա, օ՜, խստասիրտ գեղեցկուհի, օ՜, իմ սիրած թշնանի, թե դու ինձ ի՜նչ վիճակի ես հասցրել։ Եթե ինձ օգնության արժանի նկատես, ես քոնն եմ, իսկ եթե ոչ, վարվիր, ինչպես քեզ հաճելի լինի՝ բաժանվելով կյանքից ես հույս ունեմ հագեցնել քո խստասրտությունը և իմ կիրքը։
- Մինչև գերեզման քո՝
- Տխուր Պատկերի Ասպետ
- Մինչև գերեզման քո՝
― Իմ հոր արևը վկա, ― բացականչեց Սանչոն, լսելով այս թուղթը, ― ոչինչ ավելի վեհ բան ես կյանքումս չեմ լսել։ Արմանք և զարմանք, թե ի՜նչ սիրուն է արտահայտում ձերդ ողորմածությունը, շիտակ ասեմ, իսկական սատանա է՝ ինչե՜ր ասես, որ դուք չգիտեք։
― Իմ գործում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ամեն բան պիտի իմանաս։
― Դե հիմա, ― շարունակեց Սանչոն, ― ձերդ ողորմածություն, հետևին մի գրություն գրեցեք երեք քուռակների մասին և ինչքան կարելի է պարզ ստորագրեցեք, որպեսզի ամեն ոք տեսնի թե չէ, իսկույն ձեր ձեռքը ճանաչի։
― Սիրով, ― պատասխանեց դոն Կիխոտը և գրելով, կարդաց հետևայլը․
Կարգադրեցեք, ձերդ ողորմածություն տիրուհի քրոջ աղջիկ, հանձնել այս իմ համար առաջին կտրոնի ներկայացնող, իմ զինակիր Սանչո Պանսային երեք քուռակ այն հնգից, որ ես մեկնելով թողել եմ և հանձնել ձերդ ողորմածության հոգատարության։ Այդ երեք քուռակներին հրամայում եմ հանձնել նրան՝ ի տրիտոր այստեղ նրանից ստացածս երեք այլ քուռակների։ Այդ անելուց և նրանից գրություն ստանալուց հետո նրա մեզ հետ ունեցած հաշիվները պետք է փակված համարել։ Գրված է Սյերրա֊Մորենայի խորքերում, սույն ընթացիք տարվա օգոստոսի քսաներկուսին։
― Հրաշալի է, ― ասաց Սանչոն, ― իսկ հիմա, ձերդ ողորմածություն, ստորագրեցեք։
― Ստորագրելու կարիք չկա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բավական է, որ տակին խաչ քաշեմ ― դա միևնույնն է, թե ստորագրություն, նա հերիք կտա ոչ թե երեք, այլ երեք հարյուր քուռակ ստանալու։
― Հավատում եմ ձերդ ողորմածությանը, ― պատասխանեց Սանչոն։ ― Դե, բաց թողեք ինձ, որ գնամ֊թամքեմ Ռոսինանտին, իսկ դուք, մինչ այդ, պատրաստվեցեք ինձ ձեր օրհնությունը տալու։ Ես իսկույն կմեկնեմ և էլ չեմ նայի այն գժություններին, որ ձերդ ողորմածությունը մտադիր է անելու։ Միևնույն է՝ ես կասեմ, թե այնքան շատ գժություններ եմ տեսել, որ ավելին պետք չի գա։
― Բայց, առնվազն ես կամենում եմ, Սանչո, ― որովհետև դա ծայր աստիճան կարևոր է, ― կրկնում եմ, ես կամենում եմ, որպեսզի դու տեսնես, թե ինչպես ես մերկ մի երկու տասնյակ գժություն կանեմ, մի բան, որ կես ժամ կքաշի։ Եթե դու քո սեփական աչքերով տեսնես, դու հանգիստ խղճով կարող ես երդվել, որ այն գժություններն էլ ես տեսել, որ քո խելքին կփչի ավելացնել։ Եվ կարող ես հավատացած լինել, որ ինչքան էլ դու հիշատակելու լինես, իրոք նրանց թիվն ավելի կլինի։
― Ի սեր Աստծու, տեր իմ, մի ստիպեք ինձ նայելու ձերդ ողորմածությանը տկլոր֊տկլոր՝ այնպես մեղքս կգաք, որ ես անպատճառ լաց կլինեմ, իսկ ես երեկ գորշ էշիս համար այնքան եմ լացել, որ գլուխս ուռել է, և ես չեմ կարող նորից սկսել լալ։ Իսկ եթե ձերդ ողորմածությունն անպատճառ ուզում է ինձ որևէ գժություն ցույց տված լինել, ապա հագնված արեք և շուտով, առաջին ձեր գլուխն եկածներից։ Մանավանդ որ ինձ համար այդ բոլորովին հարկավոր չէ՝ ինչպես ես ձեզ արդեն զեկուցել եմ, դա միայն կհետաձգի իմ վերադարձը այն լուրերով, որ ձերդ ողորմածությունն սպասում է և արժանի է։ Թող տիրուհի Դուլսինեան հաստատ իմանա՝ եթե նա չպատասխանի ինչպես հարկն է, ապա ես հանդիսավոր երդում եմ տալիս ― նրան այնպես ջարդ ու բուրդ կանեմ, որ փորիցը ծեծելով նպաստավոր պատասխան կհանեմ։ Ներողամիտ եղեք, բա ո՞նց համբերես, որ ձերդ ողորմածության պես հռչակավոր մի թափառական ասպետի խելքը ցնդի այդ տեսակ․․․ Չէ, թող նա չստիպի ինձ մինչև վերջ ասել, թե չէ ես այնպես կասեմ, որ իմ հախիցն էլ կգամ, նրա հախիցն էլ։ Ես ուստա եմ։ Նա ինձ լավ չի ճանաչում։ Իսկ եթե ճանաչեր, ապա իմ անունը կրող սրբի օրը պաս կպահեր։
― Ճիշտն ասած, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― ինձ թվում է, որ քո գլուխը ավելի տեղը չէ, քան իմը։
― Ես պակաս գիժ չեմ, ― պատասխանեց Սանչոն, ― և ավելի բարկացկոտ եմ։ Բայց թողնենք այդ։ Ավելի լավ կլինի, որ ասեք, թե ձերդ ողորմածություը մինչև իմ վերադարձը ի՞նչ է ուտելու։ Հո միտք չունե՞ք Կարդենիոյի պես դուրս վազել ճամփաները և կողոպտել հովիվներին։
― Դրա մասին դու անհանգիստ մի՛ լինիր, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Եթե անգամ ես ուտելիք ունենայի, դարձյալ ես բան չէի ուտի բացի այս դաշտի և այս ծառերի պտուղներից։ Չէ՞ որ իմ ձեռնարկության ամբողջ նրբությունը այն է, որ չուտես և ամեն տեսակի զրկանքի ենթարկես քեզ։
Սանչոն դրան պատասխանեց․
― Գիտե՞ք, ձերդ ողորմածություն, թե ինչից եմ վախենում ես։ Սա այնպիսի խուլ տեղ է, որ ես, գուցե, հետ գալուս ճանապարհը չգտնեմ։
― Իսկ դու նշանները մտքումդ լավ պահիր, ― ասաց դոն Կիխոտը, ― ես էլ կաշխատեմ այստեղից հեռու չգնալ և ժամանակ առ ժամանակ կբարձրանամ ամենաբարձր ծառերի վրա, որ տեսնեմ՝ չես վերադառնում դու արդյոք։ Ասենք՝ ավելի հաստատ լինելու համար, որ չմոլորվես և հետքերը չկորցնես, կտրատիր որոճի ճղներից ― տեսնո՞ւմ ես՝ ինչ շատ է բռնել շուրջը ― ճամփին կարճ տարածությունների վրա գցիր, մինչև որ ուղիղ տեղ հասնես՝ այդ ուղենիշներով և նշաններով, ինչպես Թեսևսի թելով լաբիրինթոսում, վերադարձիդ դու ինձ կգտնես։
― Շատ բարի, այդպես էլ կանեմ, ― պատասխանեց Սանչո Պանսան։ Նա կտրատեց որոճի մի քանի ճյուղ, իր տիրոջ օրհնությունն առավ և վերջապես նրանք բաժանվեցին աղի արցունք թափելով։ Սանչոն հեծավ Ռոսինանտը և, դոն Կիխոտից պատվեր ստանալով խնայել ու խնամել ձիուն, ինչպես իրեն, ուղևորվեց դեպի դաշտավայրը, ժամանակ առ ժամանակ որոճի ճյուղ գցելով գետին, ինչպես իր տերն էր պատվիրել։ Այդպես էլ գնաց նա, թեև դոն Կիխոտը չէր դադարում նրանից խնդրելուց, որ գոնե մի երկու գժություն մտիկ տա։ Սակայն դեռ հարյուր քայլ չանցած, Սանչոն վերադարձավ ու ասաց․
― Ձերդ ողորմածություն, դուք քիչ առաջ շատ ճիշտ ասացիք, որ ես ձեղ գժություններից մեկը գոնե պետք է տեսնեմ, թե չէ հոգուս վրա մեղք կառնեմ, ― եթե երդվեմ, թե տեսել եմ, ― թեպետ ձեր մեծ գժություններից մեկը ես արդեն տեսել եմ դա այն է, որ ձերդ ողորմածությունը մնում է այստեղ։
― Չէ՞ի ասում քեզ ես նույնը, ասաց դոն Կիխոտը։ ― Քիչ սպասիր, Սանչո, հազիվ թե կարողանամ մինչև վերջ ասել «Հայր մեր»֊ը, ես արդեն պրծած֊պրծած կլինեմ։
Արագ֊արագ վարտիքը հանելով, նա մերկ մարմնի վրա լոկ շապիկ հագած և առանց երկար ու բարակ առաջաբանների մի երկու թռիչք գործեց օդում, ապա մի երկու անգամ գլուխկոնծի տվեց ― գլուխը վար, ոտները վեր։ Սանչոյի աչքերին այնպիսի նորություններ բացվեցին, որ նա, չկամենալով նրանց կրկին տեսնել, շուռ տվեց Ռոսինանտի գլուխը և ճամփա ընկավ, լիովին բավարարված և գոհ, որովհետև հիմա նա կարող էր երդվել, որ իր տերը գժվել է։ Այստեղ էլ մենք կբաժանվենք նրա հետ՝ սպասելով նրա շուտափույթ վերադարձին։
Գլուխ XXVI
Որ զրուցում է դոն Կիխոտի հետագա սիրային սխրագործությունների մասին Սյերրա֊Մորենում
Վերադառնալով մեր պատմությանը, թե ինչ էր անում Տխուր Պատկերի Ասպետը մենակ մնալով, մեր պատմությունը հաղորդում է, որ երբ դոն Կիխոտը վերջացրեց իր գլուխկոնծիները և թռիչքները և նկատեց, որ Սանչոն, չկամենալով ներկա լինել հետագա գժություններին, արդեն գնացել է, վեր ելավ մի բարձր ժայռի կատարը և սկսեց մտածել այն մասին, ինչի մասին նա բազմիցս մտածել էր, թեպետ մինչև հիմա չէր կարողացել որևէ եզրակացության գալ, այն է՝ ո՞րն է ավելի լավ և օգտավետ ― նմանվել Ռոլանդի՞ն նրա կատաղի գազազումներո՞վ, թե՞ Ամադիսին, մելամաղձիկ խելագարությամբ։ Ինքն իրեն դատողություններ անելով՝ նա ասաց․
― Ամենքն ասում են, թե Ռոլանդը բարի և արի ասպետ է եղել, բայց դա զարմանալի չէ, որովհետև, վերջ ի վերջո, նա կախարդված էր և նրան այլ կերպ չէր կարելի սպանել, բայց եթե քորոց կոխելով նրա կրունկը, իսկ նա միշտ յոթ երկաթե տակով կոշիկ էր հագնում։ Այնուհանդերձ, ոչ մի խորամանկություն նրան չօգնեց, որովհետև Բերնարդե դել Կարպիոն գլխի ընկավ և Ռոնսևալում նրան խեղդեց իր գրկում։ Բայց մի կողմ թողնենք նրա քաջությունը, քննենք հիմա, թե ինչպես նա խելքը կորցրեց։ Անտարակույս, նա խելագարվեց, երբ որ աղբյուրի մոտ հետքեր տեսավ, և հովիվը հաղորդեց նրան, որ Անջելիկան ճաշից հետո երկու անգամից ավել քնել է Մեդորի հետ, գանգրահեր մավրի, Ագրամանտի պաժի հետ։ Եթե նա վճռել է, որ այդ ճիշտ է, որ տիրուհին իրեն այդպիսի վիրավորանք է հասցրել, ապա ի՞նչ մեծ բան է, որ նա խելագարվել է։ Սակայն ինչպե՞ս ընդօրինակեմ ես նրա խելագարությունը, քանի որ ես նման հիմք դրա համար չունեմ։ Չէ՞ որ ես կարող եմ երդվել, որ իմ Դուլսինեա Տոբոսցին իրեն օրում կենդանի մավր իր իսկական հագուստով տեսած չկա և որ նա նույնքան անմեղ է, ինչպես նրան ծնող մայրը։[119] Ես նրան աչքարա վիրավորանք հասցրած կլինեի, եթե կասկածեի և սկսեի անզուսպ Ռոլանդի նման գժություններ անել։ Մյուս կողմից՝ ես գիտեմ, որ Ամադիս Գաղղիացին, առանց բանականությունը կորցնելու և առանց որևէ գժություն անելու, հռչակվել է իր սիրահարությամբ, ինչպես և ոչ ոք աշխարհիս երեսին։ Որովհետև նրա պատմության մեջ ասված է, որ երբ նրան տիրուհի Օրիանան մերժեց, հրամայելով, որ իր աչքին չերևա, մինչև որ իր կամքը չլինի, նա մի ճգնավորի ուղեկցությամբ քաշվեց Պենյա Պոբրե և, իր հոգին Աստծուն պահ տալով, արցունք էր թափում, մինչև որ երկինքը մեղմացավ նրա մեծ վշտի ու արիության համար։ Եթե այդ ամենը ճիշտ է, (մի բան, որ անկասկած է), ապա ինչո՞ւ ես վերցնեմ ինձ վրա հոգնությունը մերկանալու և տանջելու այս ծառերը, որ ինձ ոչ մի վնաս չեն տվել։ Ինչո՞ւ պղտորեմ այս վտակների վճիտ ջուրը, որոնք կհագեցնեն իմ ծարավը, երբ որ ես կամենամ։ Կեցցե՜ Ամադիսի հիշատակը և թող կարյաց չափ հետևի նրա օրինակին դոն Կիխոտ Լամանչեցին, որի մասին կասեն նույնը, ինչ որ մի այլ հերոսի մասին են ասում․ «Մեծ գործեր նա չկատարեց, բայց մեռավ՝ հոգով ձգտելով նրանց»։[120] Ճիշտ է, իմ Դուլսինեան չի մերժել, չի արհամարհել ինձ, բայց միթե, ինչպես ես արդեն ասացի, ինձ համար բավական չէ՞ այն, որ ես նրանից անջատված եմ։ Արդ՝ հառաջ և դեպի աշխատանք։ Իսկ դուք, Ամադիսի գործեր, եկեք իմ միտքը և սովորեցրեք ինձ, թե ինչից սկսեմ, ընդօրինակելով ձեզ։ Այո՛, ես մտաբերում եմ՝ նա ամենից շատ աղոթում էր՝ իրեն հանձնելով Աստծուն։ Միայն թե ինչ անենք, որ տերողորմյա չունեմ։
Սակայն նա շուտով տերողորմյա չլինելու հնարը գտավ՝ իր շապիկի փեշից մի լայն շերտ կտրելով, որ կախ էր ընկնում նրա ոտների տակ, նա տասնմեկ տեղից կշկռեց։ Հանգույցներից մեկը մյուսներից մեծ էր և ստացվեց տերողորմյա, որ նրան հերիք կտար միլիոն անգամ ave Maria ասելու, որ նա պիտի կրկներ այստեղ գտնվելու ամբողջ ժամանակի ընթացքում։ Մի բան միայն շփոթեցնում էր նրան՝ որտեղից ճգնավոր գտներ, որ նրան խոստովանեցներ և մխիթարեր։ Այդպես էր նա անց կացնում իր ժամաակը, զբոսնելով դաշտում և հորինելով ոտանավորներ կա՛մ իր վշտի մասին, կա՛մ գովք Դուլսինեային։ Նա ծառերի կևեղների վրա էր կտրատում գրերը կամ մանր ավազի վրա գծում։ Սակայն երբ որ մեր ասպետին գտան, բոլոր այդ ոտանավորներից մնացել և ընթեռնելի էր հետևյալը՝
Ծառե՛ր, Սեզե՛ր անուշաբույր,
Որ շրշում եք, նազում անհոգ,
Քե՜զ եմ բերում ցավս անլուր,
Խոցված սիրտս վշտամորմոք։
Թող ձեր սրտում՝ անբիծ, քնքուշ
Վերք չբացի վերքն իմ սրտի․․․
Ձեր թիվն ունեն, ծաղկունք անուշ,
Արցունքները դոն Կիխոտի,
Որից հեռու է աննման
Տոբոսեցի Դուլսինեան։
Ո՛վ դաշտ, ո՛վ դաշտ լուռ ու անդոր,
Ո՞ւր հասցրեց սիրո ծաղկին
Անագորույն ու նենգավոր
Դաժանությունը մարդկային։
Սիրուց դառել եմ ես Էրոս,
Չի տառապել ինձ նման դեռ
Ոչ մի ասպետ, ոչ մի հերոս․․․
Թափի՛ր Կիխոտ, դառն արցունքներ,
Քեզնից հեռու է աննման
Տոբոսցի Դուլսինեան։
Ես արկածներ որոնեցի,
Ժայռերի մեջ խուլ ու վայրի,
Սակայն միայն հանդիպեցի
Դառնության ու աղետների։
Ամուրն անգութ ու անողոք,
Չլսելով լաց ու բողոք,
Պատժում է մեզ տիվ ու գիշեր․․․
Թափի՛ր, Կիխո՛տ, դառն արցունքներ,
Քեզնից հեռու է աննման
Տոբոսեցի Դուլսինեան։
Դուլսինեայի անվանը ավելացրած Տոբոսցի բառը շատ ծիծաղացրեց այդ ոտանավորը կարդացողներին, որովհետև նրանք երևակայում էին, թե Դոն Կիխոտը, երևի, երևակայում էր, որ նրա տուները անհասկանալի կլինեն, եթե նա իր տիկնոջը պարզապես Դուլսինեա անվանի, առանց ավելացնելու Տոբոսցի։ Այդ ենթադրությունը ճիշտ դուրս եկավ, որովհետև հետագայում նա ինքն այդ խոստովանեց։ Նա շատ ուրիշ ոտանավորներ էլ էր գրել, բայց, ինչպես մենք արդեն ասացինք, այս տուները միայն հաջողվեց ջոկել և ամբողջովին կարդալ։ Այդպես էլ նա անց էր կացնում ժամանակը՝ հորինում էր ոտանավորներ, ախ քաշում, կոչ անում այդ անտառների Ֆավներին և Սիլվաններին, վտակների նիմֆերին, ցավագին ու խոնավ Արձագանքին, աղերսելով որ լսեն իրեն, պատասխան տան իրեն ու մխիթարեն։ Նա նաև զանազան բույսեր էր որոնում, որպեսզի իր ուժերը պահպանի մինչև Սանչոյի վերադարձը ― և եթե սա երեք օրից չվերադառնար, այլ երեք շաբաթից, նա Վշտակերպ Ասպետին այնքան փոխված կգտներ, որ նույնիսկ նրա ծնող մայրը չէր ճանաչի նրան։
Իսկ հիմա թողնենք ոտանավորներով ու հոգվոցներով կլանվածին և պատմենք, թե ինչ պատահեց Սանչո Պանսային նրա առաքելության ժամանակ։ Դուրս գալով բանուկ ճանապարհը Սանչոն սկսեց որոնել Տոբոսոյի ուղին և հետևյալ օրը հասավ այն իջևանը, որտեղ նրան վրա հասավ վերմակի վրա վեր֊վեր թռցնելու տհաճությունը։ Հազիվ էր տեսել նա իջևանը, որ դարձյալ զգաց իրեն օդում թռչելիս, ուստի նա չկամեցավ ներս մտնել, թեև պետք էր՝ ճաշի ժամանակ էր և նա սաստիկ ուզում էր մի բան ուտել, որովհետև երկար ժամանակ նա միայն սառը բան էր կերել։
Այս անհրաժեշտությունը հարկադրեց նրան մոտենալ դարպասին, բայց նա դարձյալ տատանվում էր՝ ներս մտնել, թե չէ։ Մինչդեռ նա խորհում էր դրա մասին, իջևանից երկու մարդ դուրս եկան, որ նրան իսկույն ճանաչեցին, և նրանցից մեկն ասաց մյուսին․
― Ասացեք, սինյոր լիցենցիատ, այս ձիավորը Սանչո Պանսան չէ՞, որի մասին մեր արկածախնդրի տնտեսուհին ասում էր, որ նա ուղևորվել է իր տիրոջ հետ՝ որպես զինակիր։
― Այո, նա ինքն է, ― պատասխանեց լիցենցիատը, ― և նա մեր դոն Կիխոտի ձին է հեծել։
Նրանց համար դժվար չէր ճանաչել նրան, որովհետև միևնույն գյուղի քահանան ու դալլաքն էին, ― նրանք, որ քննության ենթարկեցին դոն Կիխոտի մատենադարանն ու դատաստան կտրեցին։ Ճանաչելով Սանչո Պանսային և Ռոսինանտին, նրանք մոտեցան, կամենալով դոն Կիխոտից տեղեկություն քաղել և քահանան կանչելով Սանչո Պանսային, նրա անունը տալով, ասաց․
― Սանչո Պանսա, բարեկամ, որտե՞ղ է ձեր տերը։
Սանչո Պանսան էլ իսկույն ճանաչեց նրանց, բայց վճռեց թաքցնել, թե ինչ վայրում ու վիճակում է թողել իր տիրոջը։ Ուստի նա պատասխանեց, որ իր տերը ինչ֊որ տեղում մի ծայր աստիճան կարևոր գործով է զբաղված, իսկ թե ինչ գործով, նա չի կարող ասել, եթե անգամ նրա աչքերը հանելու լինեն։
― Ոչ, ոչ, ― ասաց դալլաքը, ― եթե դուք մեզ չասեք, թե նա որտեղ է, մենք կկարծենք ― ասենք հիմա էլ արդեն մտածեցինք, ― որ դուք նրան սպանել ու կողոպտել եք, քանի որ դուք նրա ձին եք հեծել։ Վերադարձրեք մեզ այդ քնձռոտ ձիու տիրոջը, թե չէ ձեր բանը վատ կլինի։
― Ինձ զուր մի սպառնաք, ես այնպիսի մարդ չեմ, որ մարդ սպանեմ ու կողոպտեմ։ Թող ամեն մարդ մեռնի, երբ որ ճակատին գրված է կամ երբ որ Աստված կամենա։ Իմ տերը մնաց լեռներում և այնտեղ, ինչքան քեֆն ուզի՝ ապաշխարանք կանի։
Եվ առանց շունչ առնելու և կանգ առնելու նա պատմեց, թե ինչ վիճակում մնաց դոն Կիխոտը և ինչ արկածներ պատահեցին նրան։ Ապա նա ավելացրեց, որ ինքը նամակ է տանում սինյորա Դուլսինեա Տոբոսցուն, Լորենսո Կորչուելոյի աղջկան, որի վրա իր տերը մինչև ականջները սիրահարված է։ Քահանան ու դալլաքը զարմացած մնացին Սանչո Պանսայի պատմությունից։ Թեև նրանք գիտեին դոն Կիխոտի խելագարության մասին, ինչպես գիտեին և այն, թե ինչ տեսակ խելագարություն է այդ, այնուհանդերձ ամեն անգամ, երբ լսում էին նրա մասին, նորից էին զարմանում։ Նրանք խնդրեցին Սանչո Պանսայից, որ ցույց տա դոն Կիխոտի նամակը Դուլսինեա Տոբոսցուն։ Սանչոն պատասխանեց, որ հուշատետրի մեջ է և իրեն հրամայված է մաքուր գրել տալ թղթի վրա առաջին իսկ ավանում, ուր կհասնի։ Քահանան դրան պատասխանեց, որ եթե Սանչոն նամակը ցույց տալու լինի, ինքը կարտագրի շատ սիրուն ձեռքով։ Սանչոն ձեռքը գրպանը տարավ, որպեսզի հուշատետրը հանի, բայց չգտավ և չէր էլ գտնի, եթե մինչև օրս էլ որոնելու լիներ, որովհետև հուշատետրը մնացել էր դոն Կիխոտի մոտ։ Դոն Կիխոտը մոռացել էր տալ նրան, իսկ Սանչոյի մտքովն էլ չէր անցել խնդրել նրանից։
Հուշատետրը չգտնելով, Սանչոն մահացու գունաթափվեց և սկսեց արագ֊արագ փնտրել բոլոր գրպաններում։ Համոզվելով, որ նամակը չկա, նա, առանց երկար մտածելու, երկու ձեռքով բռնեց իր միրուքը, մազերի կեսը պոկեց, ապա արագ֊արագ սկսեց իր քիթ ու մռութին բռունցքով հարվածել, մինչև որ վերջապես քթիցը արյուն եկավ։ Տեսնելով այդ, քահանան ու դալլաքը հարցրին, թե ինչ է պատահել և ինչո՞ւ է նա այդպես ինքն իրեն խոշտանգում։
― Ի՞նչ է պատահել, ― պատասխանեց Սանչոն, ― այն, որ ես մեկ վայրկյանում ձեռքիցս երեք ավանակ բաց թողի, որոնցից յուրաքանչյուրը մի դղյակ արժե։
― Դա ի՞նչ կնաշանակի, ― հարցրեց Դալլաքը։
― Ես կորցրել եմ հուշատետրը, ― ասաց Սանչոն, ― որտեղ գրված էր նամակ Դուլսինեային և գրություն իմ տիրոջ ստորագրությամբ, որով նա հրամայում էր իր քրոջ աղջկան չորս թե հինգ ավանակից, որ պատկանում են իրեն, երեքը տա ինձ։
Այստեղ նա պատմեց իր գորշ էշի կորուստի մասին։ Քահանան նրան մխիթարեց և ասաց, որ երբ գտնվի նրա տերը, ինքը կհամոզի նրան հաստատել իր խոստումը և վերստին գրել տոմսը, միայն թե առանձին թղթի կտորի վրա, ինչպես որ հարկն է և լինում է, քանի որ վկայաթղթերը, որ հուշատետրի մեջ են լինում, երբեք չեն ընդունվում և չեն վճարվում։
Դրանից հետո Սանչոն հանգստացավ և հայտարարեց, որ քանի գործն այդպես է, Դուլսինեայի նամակի կորուստը նրան շատ չի վշտացնում, որովհետև նա գրեթե անգիր գիտե և կարող է թելադրել որտեղ և երբ անհրաժեշտ լինի։
― Դե ասա մեզ, Սանչո, ― խնդրեց դալլաքը, ― իսկ մենք գրի կառնենք։
Սանչոն սկսեց քորել ծոծրակը, որպեսզի իր հիշողությունից դուրս բերի նամակի բովանդակությունը և երկար ժամանակ մե՛կ մի ոտի վրա էր հենվում, մե՛կ մյուս։ Նա մեկ գետնին էր մտիկ տալիս, մեկ երկնքին, մի մատի եղունգի կեսը կրծեց և, վերջապես, իր ունկնդիրներին, որ սպասում էին, թե ինչ պիտի ասի նա, բավական չարչարելուց հետո, երկար լռությունից հետո ասաց․
― Սատանան տանի ինձ, սինյոր լիցենցիատ, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել այդ սատանի նամակը։ Գիտեմ միայն, որ այսպես էր սկսվում՝ «Բարձր ու տարող տիրուհի»։
― Անկարելի է, որ «տարող» լինի, ― առարկեց դալլաքը, ― երևի թե նա «տիրող» է գրել։
― Ճիշտ որ, ― համաձայնեց Սանչոն։ ― Իսկ հետո միտքս գալիս է, ասված էր՝ «ծեծվածն ու անքունը, խոցոտվածը համբուրում է ձերդ ողորմածության ձեռները, խստասիրտ և անհայտ գեղեցկուհի», և էլի ինչ֊որ առողջության և հիվանդության մասին, որ նա ցանկանում է նրան, ― շատ լավ էր գրած, իսկ վերջը ասված էր՝ «մինչև գերեզման ձեր Վշտակից Ասպետ»։
Քահանային ու դալլաքին բավական զվարճություն պատճառեց Սանչոյի լավ հիշողությունը։ Նրանք գովեցին նրան և խնդրեցին, որ նամակը երկու անգամ էլ կրկնի, որպեսզի անգիր հիշեն և ժամանակին գրի առնեն։ Սանչոն կրկնեց երեք անգամ ևս և դարձյալ հազար ու մի դատարկ բաներ դուրս տվեց։ Ապա նա պատմեց իր տիրոջ գործերից։ Սակայն վերմակի վրա վեր֊վեր թռցնելու մասին, որ իր սեփական անձին պատահել էր, այս իսկ իջևանում, որտեղ նա այնքան էլ չէր ուզում մտնել, նա ոչ մի խոսք չասաց։ Ի վերջո նա հաղորդեց, որ Դուլսինեա Տոբոսցու նպաստավոր պատասխանի դեպքում իր տերը որոշել է բոլոր ուժերը գործադրել կայսր կամ առնվազն թագավոր դառնալու համար ― այդպես են նրանք իրար հետ համաձայնության եկել, ― որ դա բնավ դժվար գործ չէ, եթե նկատի առնելու լինենք դոն Կիխոտի արիությունը և նրա բազկի զորությունը։ Հենց որ այդ գործը գլուխ գա, նա կամուսնացնի իրեն (մինչ այդ Սանչոյի կինը կմեռնի, այլ կերպ հո չի կարող լինել) և իրեն կնության կտա կայսրուհու նաժիշներից մեկին, հարուստ և լայնածավալ կալվածների մի ժառանգուհու, կալվածն էլ ցամաքի վրա կլինի, առանց որևէ կղզու կամ փոքրիկ կղզիների, որ իրեն իսկի դուր չեն գալսիս։ Այդ ամենը Սանչոն պատմեց միանգամայն անվրդով, ժամանակ առ ժամանակ սրբելով քիթը և այնպիսի ապուշ տեսքով, որ քահանան ու դալլաքը դարձյալ զարմացան ու մտածեցին՝ ի՜նչ աստիճան պիտի հասած լինի դոն Կիխոտի խելագարությունը, եթե այս խեղճ ողորմելին էլ է վարակվել ու խելքը կորցրել։ Նրանք որոշեցին իրենց հոգնություն չպատճառել և չբացատրել Սանչոյին նրա մոլորությունը, որովհետև միտք արին, որ չարժե նրան հետ համոզել, քանի որ նրա խիղճը հանգիստ է՝ իրենց համար ավելի զվարճալի կլինի լսել նրա դատարկաբանությունները։ Ուստի նրանք խորհուրդ տվին նրան, որ աղոթի Աստծուն դոն Կիխոտի առողջության համար և ավելացրին, որ իր տիրոջ՝ ապագայում կայսր դառնալու մտադրությունը իրագործի և հնարավոր բան է, էլ չասենք, թե նրան կարող են արքեպիսկոպոս ձեռնադրել կամ այլ՝ սրան հավասար աստիճան։ Սանչոն դրան պատասխանեց․
― Սինյորներ, իսկ եթե բախտը այնպես շուռ տալու լինի, որ իմ սինյորի խելքին փչի ոչ թե կայսր, այլ արքեպիսկոպոս դառնա, ապա ես կկամենայի իմանալ, թե թափառական արքեպիսկոպոսներն ի՞նչ են սովորաբար շնորհում իրենց զինակիրներին։
― Սովորաբար նրանք, ― պատասխանեց քահանան, ― որևէ անշարժ կալվածք են շնորհում, քահանայի կամ խորանապետի պաշտոն։ Դա տարեկան լավ եկամուտ է բերում, առանց հաշվելու ծիսակատարության վարձը, որ կալվածից պակաս եկամուտ չի տալիս։
― Սակայն դրա համար անհրաժեշտ է, ― առարկեց Սանչոն, ― որ զինակիրը ամուսնացած չլինի և որ նա առնվազն պատարագի ժամանակ կարողանա ժամասացություն կատարել։ Իսկ եթե այդպես է, ապա վա՜յ ինձ՝ ես ամուսնացած եմ և նույնիսկ այբուբենի առաջին տառը չգիտեմ։ Ի՞նչ կլինի իմ օրը, եթե իմ տիրոջ խելքին փչի արքեպիսկոպոս դառնալ և ոչ թե կայսր՝ ըստ թափառական ասպետների օրինակի և սովորույթի։
― Անհանգիստ միք լինի, Սանչո, բարեկամս, ― ասաց դալլաքը, ― մենք կխնդրենք ձեր տիրոջից, նրան բարի խորհուրդ կտանք և ցուցում կանենք, որ եթե նա ոչ թե կայսր, այլ արքեպիսկոպոս դառնալու լինի, դրանով նա իր հոգու վրա մեղք կվերցնի։ Չէ՞ որ առաջինը նրա համար ավելի հեշտ է, որովհետև նա ավելի ռազմական արիություն ունի, քան գիտնականություն։
― Ինձ էլ էր այսպես թվում, ― պատասխանեց Սանչոն, ― թեև պետք է ձեզ ասեմ, որ նա ամեն բանում ընդունակ է։ Ես էլ ահա թե ինչ եմ մտածել՝ կաղոթեմ Աստծուն, որ նրան այնպիսի ճամփա հանի, որտեղ նա ինքն էլ կարողանար աչքի ընկնել, ինձ էլ մեծամեծ շնորհներ պարգևել։
― Դուք խելացի եք խոսում, ― ասաց քահանան, ― և վարվում եք, որպես բարի քրիստոնյա։ Իսկ հիմա մենք պետք է գործի անցնենք ― միջոցներ ձեռք առնենք, որպեսզի ազատենք ձեր տիրոջը ապարդյուն ապաշխարանքից, որին, ձեր ասելով, նա աձնատուր է եղել։ Եվ մեր գործելակերպը մտածելու և բան ուտելու համար ― որովհետև ժամը ուշ է, ― մտնենք իջևանը։
Սանչոն պատասխանեց, թե նրանք կարող են մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել և ինչու այդ իրեն չի սազում։ Բայց նա նրացից խնդրեց, որ հետները տաք կերակուր վերցնեն իր համար և Ռոսինանտի համար էլ գարի։ Նրանք բաժանվեցին և ներս մտան պանդոկը և մի քանի րոպեից հետո դալլաքը նրա համար կերակուր դուրս բերեց։ Մեր բարեկամները երկար ու բարակ խորհրդակցեցին, թե ինչ անեն, որ ըղձալի նպատակին հասնեն և վերջապես քահանայի գլխով մի միտք անցավ, որ լիովին դոն Կիխոտի ճաշակով էր և շատ հարմարավոր իրենց ձեռնարկած գործին՝ նա հայտնեց դալլաքին, որ մտածել է թափառական աղջկա զգեստ հագնել, իսկ դալլաքը պետք է զինակիր ներկայացներ։ Եվ այդ կերպով նրանք պիտի գնան լեռները դոն Կիխոտի մոտ։ Քահանան վիրավորված և զրկված աղջկա ձև կառնի և կխնդրի դոն Կիխոտից իրեն շնորհ անել և նա, իբրև արի թափառական ասպետ, չի կարողանա մերժել։ Իսկ այդ շնորհն էլ այն կլինի, որ դոն Կիխոտը նրա հետևից գնա ամենուր, ուր որ նա կամենա նրան տանել և վրեժխնդիր լինի վիրավորանքի համար, որ մի չար ասպետ նրան հասցրել է։ Միևնույն ժամանակ նա կխնդրի, որ իր դիմակը թույլ տրվի չհանել և չպատասխանել հարցերին, մինչև որ այն չար ասպետի վիրավորանքի համար վրեժ չլուծվի։ Քահանան հավատացած էր, որ այդ պայմաններում դոն Կիխոտը ամեն բանի համաձայն կլինի, և այդ եղանակով նրանք կհանեն նրան այնտեղից, կտանեն իր ծննդավայրը և այնտեղ կխորհեն, թե կա՞ արդյոք որևէ դեղ նրա արտասովոր խելագարության դեմ։
Գլուխ XXVII
Թե ինչպես քահանան ու դալլաքը իրագործեցին իրենց ծրագիրը և այլ անցքերի մասին, որ այս մեծ պատմության մեջ արժանի են հիշատակության
Դալլաքը հավանեց քահանայի ծրագիրը և նրանք իսկույն սկսեցին կատար ածել։ Նրանք իջևանի կնոջից մի շրջազգեստ և գլուխ կապելու շոր խնդրեցին՝ թողնելով իբրև գրավ քահանայի կապան։ Դալլաքը եզան շեկ թե գորշ կարմրավուն պոչի մազից, որի վրա իջևանի տերը սովորություն ուներ պահելու իր սանրը, իրեն համար միրուք շինեց։ Տիրոջ կինը հարցրեց, թե նրանց ինչի՞ն են պետք այդ զուգսերը։ Քահանան կարճառոտ պատմեց նրան դոն Կիխոտի խելագարության մասին և ավելացրեց, որ նրանք պետք է շորերը փոխեն, որպեսզի նրան դուրս բերեն լեռնակիրճերից, որտեղ հիմա նա գտնվում է։ Տերն էլ, նրա կինն էլ իսկույն գլխի ընկան, որ դա հենց այն խելագարն է, որ իրենց մոտ բալասան պատրաստեց և որ նրա զինակիրն էր, որ վերմակի վրա վեր֊վեր թռցրին։ Եվ նրանք քահանային պատմեցին այն ամենը, որ պատահել էր իրենց պանդոկում, առանց ծածկելու այն, ինչ որ այնպիսի խնամքով թաքցնում էր Սանչոն։ Վերջապես պանդոկապանի կինը քահանային այնպես լավ զուգեց, որ ավելի լավ անհնարին էր։ Հագցրեց մահուդե շրջազգեստ, որի վրա սև բեհեզից շերտեր էին կարված ափի լայնությամբ, կորսաժը՝ կանաչ բեհեզից՝ սպիտակ ատլասե երիզներով զարդարված (նման ջրջազգեստ ու կորսաժներ էին հագնում, երևի, Վամբա արքայի օրոք)։[121] Քահանան կանացի գլխաշոր չուզեց՝ նա դրեց իր կտավե կարած գլխարկը, որ հագնում էր սովորաբար քնելիս և ճակատը կապեց մետաքսե փայլուն սև ժապավենով, իսկ մի ուրիշ ժապավենից նա դիմակի պես բան պատրաստեց, որ շատ լավ ծածկում էր նրա դեմքն ու միրուքը։ Վերևից նա դրեց գլխին մի գլխարկ, այնքան մեծ, որ կարող էր ծառայել որպես հովանոց և վերնարկը գցելով վրան ու փաթաթվելով մեջը, կնոջ պես նստեց ջորու վրա, իսկ մյուս ջորու վրա միրուքավոր դալլաքը նստեց։ Միրուքը հասնում էր մինչև նրա գոտին և չէր հասկացվում ճերմա՞կ էր, թե՞ շեկ, որովհետև ինչպես մենք արդեն ասացինք, եզան աղտոտ պոչից էր շինած։
Նրանք բոլորին մնաս բարով ասացին, ի թիվս որոնց բարի Մարիտորնեսին, որ խոստացավ իր տերողորմյայի ամեն հատիկի վրա աղոթք ասել՝ գուցե Աստված լսի նրան՝ մեղավորին, և հաջողություն առաքի նրանց հղացած դժվարին և ճշմարիտ քրիստոնեական գործում։ Սակայն հազիվ մի քիչ հեռացել էին նրանք իջևանից, որ քահանայի մտքովն անցավ, թե նրանք վատ են անում այդպիսի շորերով ման գալով, որովհետև հոգևոր անձին վայել չէ կնկա շոր հագնելը, անգամ ամենալավ միտումներով։ Նա այդ ասաց դալլաքին և խնդրեց, որ նրանք իրենց շորերը փոխեն, ― որովհետև շատ ավելի վայելուչ է, որ զրկված աղջիկ լինի դալլաքը, իսկ զինակիրը ― քահանան։ Այսպիսով, գոնե, նա պակաս կստորացնի իր աստիճանը։ Եվ նա ավելացրեց, որ եթե նա մերժելու լինի, նա այս միտքը կթողնի և թող դոն Կիխոտը սատանի մոտ գնա։ Այդ վայրկյանին մոտեցավ Սանչոն և, տեսնելով նրանց այդպես զգեստափոխված, չկարողացավ իր ծիծաղը զսպել։ Դալլաքը համաձայնեց քահանայի ցանկությունը կատարել և սա, շարադրելով նոր ծրագիրը, սկսեց խրատել, թե ինչպես պետք է իրեն պահի և ինչ խոսքեր ասի, որպեսզի դոն Կիխոտին մղեն և հարկադրեն հետևել իրենց և լքել որջը, որ նա ընտրել էր իր ապարդյուն ապաշխարանքի համար։ Դալլաքը պատասխանեց, որ առանց նրա դասերի էլ կանի այն ամենը, ինչ որ պետք է։ Սակայն հայտարարեց, որ շորերը չի փոխի, մինչև որ չհասնի այն տեղը, որտեղ գտնվում է դոն Կիխոտը։ Ուստի նա ծալեց իր զուգսերը, իսկ քահանան կպցրեց միրուքը և նրանք գնացին Սանչո պանսայի առաջնորդությամբ։ Ճամփին Սանչոն պատմեց նրանց, թե ինչ պատահեց նրանց, երբ որ լեռներում պատահեցին խելագարին, սակայն լռության մատնեց ճամպրուկի գյուտը և նրա հարուստ բովանդակությունը, որովհետև մեր տղան թեև հասարակ մարդ էր, բայց փողը սաստիկ սիրում էր։
Հետևյալ օրը նրանք հասան այն վայրը, որտեղ Սանչոն ճյուղեր էր գցել, որպեսզի այդ նշաններով ավելի հեշտ գտնի տեղը, որտեղ թողել է իր տիրոջը։ Ճանաչելով շրջակայքը, նա հայտարարեց, որ դա հենց կիրճի մուտքն է և որ շորերը փոխելու ժամանակ է, եթե միայն դա կօգնի իր տիրոջը փրկելու։ Բանն այն է, որ քահանան և դալլաքը դեռ առաջ բացատրել էին Սանչոյին, որ դոն Կիխոտին այդ աղետներից փրկելու համար, որ նա ինքն է հորինել իրեն համար, շատ կարևոր է, որ նրանք այդ տեսքով ու զուգսերով գան և համոզիչ կերպով խնդրել էին նրանից, որ բաց չանի, թե ովքեր են նրանք և չասի, թե ինքը նրանց ճանաչում է։ Իսկ եթե դոն Կիխոտը հարցնելու լինի ― իսկ նա չի կարող չհարցնել ― հանձնել է արդյոք Սանչոն նամակը Դուլսինեային, նա պետք է պատասխանի, որ հանձնել է և որ աղջիկը անգրագետ լինելով, հրամայել է, որ բերանացի հաղորդի դոն Կիխոտին, թե հրամայում է իր ասպետին անմիջապես, այս վայրկյանիս գալ իր մոտ, թե չէ իր աչքից կընկնի, որովհետև դա ծայր աստիճան անհրաժեշտ է։ Նրանք ավելացրին, թե իրենք էլ էն մտադիր նրա հետ խոսելու և այդ ամենի օգնությամբ հուսով են նրան վերադարձնել ավելի լավ կյանքի և այնպես անել, որ նա ուղիղ ճանապարհի վրա ընկնի և շուտով կայսր կամ թագավոր դառնա։ Գալով արքեպիսկոպոսության, կարելի է դրանից երկյուղ չկրել։ Սանչոն այդ ամենը լսեց և լավ մտքումը պահեց, ապա շնորհակալ եղավ նրանց մտադրության համար խորհուրդ տալու իր տիրոջը, որ ոչ թե արքեպիսկոպոս, այլ կայսր դառնա, որովհետև ինքն անձամբ հաստատ համոզված էր, որ կայսրները ավելի հնարավորություն ունեն շնորհներ անել իրենց զինակիրներին, քան թափառական արքեպիսկոպոսները։ Ապա նա ավելացրեց, որ ավելի լավ կլիներ, որ ինքն առաջ ընկնի և հաղորդի դոն Կիխոտին նրա տիրուհու պատասխանը։ Գուցե հենց այդ բավական լինի նրան այնտեղից հանելու համար և քահանային ու դալլաքին անհանգիստ լինելու կարիք չի լինի։ Բարեկամները հավանություն տվին Սանչոյի մտքին և վճռեցին կանգ առնել և սպասել նրա վերադարձին, որ իմանան գտե՞լ է արդյոք նա իր տիրոջը։
Սանչոն անհայտացավ լեռնային կիրճում, իսկ նրանք իջան դաշտը, որտեղ խաղաղ վտակ էր հոսում, որի վերև բարձրանում էին ժայռեր ու ծառեր, որ ախորժ ու զով ստվեր էին գցում։ Օգոստոսի մի շոգ օր էր, երբ այդ վայրերում շոգը առանձնապես հոգնեցուցիչ է լինում և նրանք տեղ հասան ժամը երեքին։ Այդ ամենը այդ վայրը ավելի հաճելի էին դարձնում և տրամադրում մեր ճամբորդներին այստեղ սպասելու Սանչոյի վերադարձին։ Նրանք այդպես էլ արին։ Եվ ահա, երբ որ նրանք պառկեցին հանգստանալու ծառերի ստվերում, նրանց ականջին հասավ մի ձայն, որ անուշ ու վարպետորեն երգում էր, առանց նվագակցության որևէ գործիքի։ Նրանք շատ զարմացան, որովհետև չէին սպասում, որ այդպիսի մի վայրում կարող է այդքան վարպետ երգիչ ապրել, որովհետև թեև սովորաբար ասվում է, թե անտառներում ու դաշտերում կարելի է զարմանալի ձայն ունեցող հովիվների հանդիպել, սակայն դա ավելի բանաստեղծական չափազանցություն է, քան ճշմարտություն։ Սակայն առավել ևս զարմացան նրանք, համոզվելով, որ ոտանավորներ են լսում, որոնք արժանի են ոչ թե գյուղի հովիվներին, այլ նուրբ ու կիրթ մարդկանց։ Եվ նրանք արդարացի էին, որովհետև ահա թե ինչ ոտանավորներ էր երգում անծանոթը։
― Ի՞նչն է ինձ բախտից զրկում, քանդում է։ ―
Հպարտությունը։
Ի՞նչ է ինձ տալիս թախիծն հնավանդ։ ―
Խանդ։
Ի՞նչ է համբերանքի գիտությունը։ ―
Անջատումը։
Ուրեմըն այս տանջանքը մեր
Դեռ ոչ մի դեղ չի ընդունում․
Եթե հույսը սպառում է
Հպարտություն, խանդ, անջատում։
Արյան մեջ տենդը ծագում է ինչի՞ց։ ―
Սիրուց։
Ինչո՞ւ են սյուներն անջատ իրարից։ ―
Բախտից։
Էրաբյան մահվան պատիժը ― ինչի՞ց։
Երկնքից։
Ուրեմն մահվան սպասել,
Չտրտնջալ և ցավերից․
Եթե աղետը գալիս է
Սիրուց, բախտից և երկնքից։
Ի՞նչ օգնություն է ղրկում ինձ պահը։ ―
Մահը։
Ի՞նչն է սիրո մեջ, որ անփուտ ցավ է։ ―
Դավը։
Ի՞նչն է սև մտքի վերջնական հունը։ ―
Խենթությունը։
Ուրեմըն ձայն իմացության
Չի որոնում փրկությունը,
Եթե բուժումն է աստ միայն ―
Մահը, դավը, խենթությունը։
Օրվա ժամը, եղանակը, վայրի ամայությունը, երգչի ձայնն ու վարպետությունը ― ամենը ուրախացնում ու հիացնում էր մեր բարեկամներին։ Նրանք նստած չէին շարժվում, հուսով, որ երգիչը կշարունակի։ Սակայն տեսնելով, որ լռությունը տևում է, նրանք վճռեցին վեր կենալ և գնալ քաղցրաձայն երգչին որոնելու։ Սակայն վեր կացան թե չէ, նույն ձայնը հնչեց և հետևայլ սոնետը երգեց․
Բարեկամությունն իր սուրբ սերն առած,
Ծածկող դիմակը ներքև նետելով,
Երանելության բարձր սանդուղքով
Վե՛ր, Էմպերեի պալատը գնաց։
Վերից, խղճալով, ցույց կտա մարդկանց
Իրեն անծանոթ պատկերն ապահով․
Որի դեմ, մերթ֊մերթ, խորքից խփելով
Պոռթկում է ներհակ չարությունն հանկարծ։
Բարեկամությո՛ւն ձգտի՛ր, մի թույլ տա
Խաբեությանը ― ծնվել վեհ կրքից
Եվ արատ բերել մաքրությանն անբիծ։
Մի՛ խրախուսիր թմրեցումը պիղծ,
Այլապես աշխա՛րհը անդաշնության,
Թշնամանքի մեջ կտեսնենք նորից։
Երգիչն ավարտեց մի խորը հառաչանքով, և մեր բարեկամները լարված սպասում էին, կերգի՞ արդյոք դարձյալ այն ձայնը, թե չէ։ Սակայն համոզվելով, որ երգին լաց ու հառաչանք է հետևել, նրանք կամեցան իմանալ, թե ով է այդ դժբախտը, որ այդքան լավ երգում է և այդքան ցավագին հառաչում է։ Հազիվ էին նրանք մի քանի քայլ արել, որ, շրջանցելով մի ժայռ, տեսան մի մարդ, որի տեսքն ու արտաքինը միանգամայն համապատասխանում էին Սանչո Պանսայի նկարագրությանը, երբ որ նա պատմում էր Կարդենիոյի մասին։ Անծանոթը, նկատելով նրանց, չվախեցավ, այլ անշարժ նստած մնաց, գլուխը քաշ արած կրծքին խորը մտածմունքի մեջ ընկածի նման։ Նա միայն մեկ անգամ նայեց նրանց, երբ որ նրանք հանկարծակի երևացին իր դիմաց և այլևս աչքերը վեր չբարձրացրեց։ Քահանան, որ ուներ խոսելու շնորհք (նրան արդեն հայտնի էր Կարդենիոյի դժբախտությունը, որին նա ճանաչեց արտաքին նշաններից), մոտեցավ նրան և հակիրճ, բայց խելամիտ խոսքերով սկսեց խնդրել և համոզել նրան թողնելու այս ցավագին անապատը, որպեսզի իր կյանքը իսպառ այստեղ խորտակված չլինի, մի բան, որ բոլոր աղետներից վատթարը կլիներ։ Այդ պահին հենց Կարդելիոյի խելքը տեղն էր և ենթակա չէր կատաղի խելագարության, որի բռնկելիս նա կորցնում էր հավասարակշռությունը։ Ուստի տեսնելով մեր բարեկամներին, որ իրենց հագուստներով չէին նմանում այս խորքերի բնակիչներին, նա մնացել էր շվար։ Նրա զարմանքն ավելացավ, երբ որ նա լսեց, որ նրանք իր գործերից են խոսում, իբրև լավ ծանոթ բաներից (դա միանգամայն պարզ էր քահանայի ճառից) և նա պատասխանեց հետևյալը․
― Ով էլ որ լինեք դուք, սինյորներ, ես տեսնում եմ, որ երկինքը միշտ պատրաստ է օգնելու բարիներին, իսկ հաճախ նաև չարերին, և ահա, ուղարկել է ինձ՝ անարժանիս, մարդկային հանրակցությունից հեռու այս վայրը, մարդկանց, որոնք պարզ ու բազմազան փաստերով փորձում են ապացուցել, որ ես անմիտ եմ վարվում ընտրելով այսպիսի կյանք։ Դուք կամենում եք ինձ դուրս քաշել այստեղից և ճշմարիտ ճանապարհի վրա հանել։ Բայց գիտե՞ք արդյոք, ― ես որ շատ լավ գիտեմ, ― որ ես, այս աղետից հեռանալով, առավել վատթար տառապանքի կենթարկվեմ, ուստի և, գուցե, ինձ համարում եք թուլամիտ կամ խելակորույս մարդ, որ ավելի վատ է։ Եվ զարմանալի էլ չէր լինի, եթե դուք այդպես մտածելու լինեիք։ Ես ինքս էլ տեսնում եմ, որ երևակայությունս, որ նկարագրում է իմ դժբախտությունը, այնպիսի ուժով է ինձ դեպի կործանում հրում, որ ես ոչնչով չեմ կարողանում նրա դեմ պայքարել։ Ես քար եմ կտրում, զրկվում զգացմունք ու բանականությունից և որ այդ այդպես է, ես հովիվներից եմ իմանում, որոնք պատմում են ինձ, թե ինչ եմ անում ես սարսափելի ցավս բռնելու պահին և իմ ուշն են դարձնում իմ կատաղության հետևանքների վրա։ Այդ միջոցին ինձ մնում է անհետևանք գանգատվել, ապարդյուն անիծել իմ բախտը և իմ կատաղությունն արդարացնելու համար պատմել բոլորին, ովքեր կամենում են լսել, նրան ծնող պատճառի մասին։ Որովհետև առողջ դատող մարդիկ, ըմբռնելով պատճառը, կդադարեն հետևանքներից զարմանալուց և եթե չեն էլ բուժի ինձ, գեթ չեն մեղադրի և փոխանակ իմ անառակության վրա բարկանալու, կցավակցեն իմ դժբախտություններին։ Եթե դուք, սինյորներ, նույն մտադրություններով եք եկել այստեղ, ինչ մտադրություններով ձեզնից առաջ ուրիշներն էլ են եկել, ապա խնդրում եմ՝ սպասեցեք այդպիսի խոհեմությամբ ինձ համոզել և լսեցեք, որ ես թվեմ ձեզ իմ անհամար ցավերը։ Գուցե մինչև վերջ լսելով, դուք կկորցնեք հավատը ձեզ հոգնություն պատճառելու, մխիթարելով ինձ դարդի համար, որ մխիթարանքի ենթակա չէ։
Քահանան ու դալլաքը, որ ծարավ էին լսելու Կարդենիոյի սեփական շուրթերից նրա դժբախտության պատճառների մասին, սկսեցին թախանձել, որ նա պատմի խոստանալով, որ իրենք նրան օգնելու և մխիթարելու նպատակով այնպիսի բան չեն ձեռնարկի, որ նա ինքը չկամենա։ Եվ ահա տխուր կաբալյերոն սկսեց իր ցավագին պատմությունը գրեթե նույն բառերով և արտահայտություններով, որոնցով նա պատմեց դոն Կիխոտին և այծարածին մի քանի օր առաջ, երբ որ վարպետ Ելիսաբատի պատճառով և դոն Կիխոտի ասպետականության պատիվը խստիվ պահպանելու ձգտումի շնորհիվ այնպես էլ անավարատ մնաց ― ինչպես այդ մենք արդեն ասել ենք։ Իսկ հիմա բարի բախտը հաճեց Կարդենիոյին պահպանել խելագարության բռնկումից և թույլ տալ, որ նա իր պատմությունն ավարտի։ Եվ ահա, հասնելով այն տեղին, երբ դոն Ֆերնանդոն գտավ Ամադիս Գաղղիացու մասին գրած գրքում Լյուսինդայի նամակը, Կարդենիոն հայտարարեց, որ այդ նամակն անգիր գիտե և ահա թե ինչ էր գրած մեջը․
- Լյուսինդան Կարդենիոյին
Յուրաքանչյուր օր ես ձեր մեջ նոր արժանիքներ եմ գտնում, որ ինձ հաղթում ու հարկադրում են, որ առավել ևս գնահատեմ Ձեզ։ Եվ եթե հաճելի է ձեզ, որ ես իմ պարտքը վճարեմ, առանց զոհաբերելու իմ պատիվը, Դուք կարող եք դրան հասնել։ Իմ հայրը Ձեզ ճանաչում է և կաթոգին սիրում ինձ։ Առանց բռնադատելու իմ սիրտը, նա կբավարարի ցանկությունը, որ Դուք ունեք իրավունք տածելու, եթե միայն դուք ինձ հարգում եք, ինչպես Դուք ինձ ասում եք,՝ և ինչպես ես հավատում եմ։
― Այս նամակը դրդեց ինձ խնդրելու Լյուսինդայի ձեռքը, ինչպես ես ձեզ արդեն պատմեցի և դոն Ֆերնանդոյի մեջ համոզմունք է առաջ բերել, որ Լյուսինդան մեր ժամանակի ամենախելոք և բանական կանանցից մեկն է։ Եվ հենց այդ նամակը նրա մեջ ցանկություն է ներշնչել խորտակելու իմ ծրագիրը նախքան ինձ կհաջողի կատար ածել։ Ես հաղորդեցի դոն Ֆերնանդոյին, որ Լյուսինդայի հայրը պնդում է, որ նրա աղջկա ձեռքը ինձ համար իմ հայրը խնդրի և որ ես չեմ խիզախում խոսք բաց անել դրա մասին, երկյուղ կրելով, որ միգուցե ինձ կմերժի, իհարկե ոչ այն պատճառով, որ նա Լյուսինդայի ծագման, արժանիքի, առաքինության և գեղեցկության կասկածելիս լիներ, ― այդ ամենն իմ սիրածն ուներ լիուլի և նրա հետ զուգվելը պատիվ կբերեր յուրաքանչյուր իսպանական տոհմին։ Ոչ, բայց ես գիտեի, որ հայրս չէր կամենում, որ ես այդքան վաղ ամուսնանայի, քանի հերցոգ Ռոդրիգոյի ծրագիրը իմ նկատմամբ դեռևս չի պարզվել։ Արդ, ես ասացի դոն Ֆերնանդոյին, որ ես չեմ խիզախում իմ գաղտնիքը բանալու հորս, մասամբ վերև բերած պատճառով, մասամբ էլ այլ պատճառներով, որ ինձ շփոթեցնում են, թեև, ասենք, ես ինքս էլ չէի կարող այդ պատճառները բացատրել։ Մի խոսքով՝ ինձ թվում էր, որ իմ ցանկությունը երբեք չի կատարվի։ Դոն Ֆերնանդոն այդ ամենին ի պատասխան ասաց, որ իր վրա է վերցնում բանակցելը հորս հետ և այնպես կանի, որ հայրս խոսի Լյուսինդայի հոր հետ։ Օ՜, սնապարծ Մարիոս։ Օ՜, դաժան Կատիլինա։ Օ՜, չարանենգ Սուլլա։ Օ՜, ուխտադրուժ Գանելոն։ Օ՜, դավաճան Վելյիգո։ Օ՜, ոխակալ Յուլիան։ Օ՜, ընչաքաղց Հուդա։[122] Օ՜, դավաճան, դժնի, ոխակալ ու ուխտադրուժ, քեզ ի՞նչ վատ բան արեց դժբախտը, որ այնպիսի սրտաբացությամբ բացեց քո առջև իր հոգու գաղտնիքն ու խինդը։ Ինչո՞վ վիրավորեցի ես քեզ։ Մի՞թե երբևիցե ես քեզ խոսք խոսք տվի կամ խորհուրդ, որոնք ուղղված չլինեին քո պատիվն ու շահը բազմապատկելու։ Սակայն ինչի՞ց եմ գանգատվում ես՝ դժբախտս։ Չէ՞ որ բոլորին հայտնի է, որ համաստեղությունների ընթացքը մեզ վրա աղետներ են բերում, որ երկինքը ցասումով ու կատաղությամբ թափում է մեզ վրա և այն ժամանակ ոչ մի երկրային ուժ չի կարող նրանց կասեցնել և ոչ մի մարդկային հնարագիտություն ― վանել։ Ո՜վ կարող էր կարծել, որ դոն Ֆերնանդոն՝ արի և խելացի մի ազնվական, ինձ հետ կապված բարեկամությամբ և իր բոլոր սիրային քմահաճույքները, որ կարող են անցնել նրա գլխով, բավարարելու հնարավորություն ունեցող, կհրահրվի, կարելի է ասել՝ իմ միակ գառնուկը հափշտակել, գառնուկը, որ դեռևս իմը չէր դառել։
Թողնենք սակայն այն անպետք և անօգուտ խոհերը և կապենք իմ պատմության քակված թելը։ Արդ, ես շարունակում եմ։ Իր նենգ ու չար մտահղացումը վճռելով կատար ածել, դոն Ֆերնանդոն ընկճվում էր իմ ներկայությունից, ուստի և որոշեց ուղարկել ինձ իր ավագ եղբոր մոտ այն պատրվակով, որ նրանից փող խնդրեմ վեց ձիու համար, որ նա դիտմամբ նույն օրը գնել էր, երբ որ հանձն էր առել բանակցել հորս հետ, վճարելու և միայն նրա համար, որպեսզի ինձ ուղարկած լինի փողի հետևից և իմ բացակայությամբ ավելի հարմարությամբ իրագործի իր հանցավոր ծրագիրը։ Կարո՞ղ էի ես կանխել այդ դավաճանությունը։ Իհարկե, ո՛չ։ Կարո՞ղ էի պատահմամբ կռահել նրա գոյությունը։ Իհարկե, ո՛չ։ Ընդհակառակը, ես ամենայն սիրով համաձայնեցի գնալ, ուրախանալով նրա այնքան հաջող գնումի համար։ Նույն երեկոյան ես խոսեցի Լյուսինդայի հետ և, հաղորդելով նրան իմ համաձայնությունը Ֆերնանդոյի հետ, խնդրեցի, որ հաստատ հուսա մեր մաքուր և օրինավոր սիրո երջանիկ պսակման։ Նա ինձնից պակաս էր կասկածում դոն Ֆերնանդոյի դավաճանության մասին և աղաչում էր շուտով վերադառնալ, որովհետև հավատացած էր, որ մեր ցանկությունը կիրականանա, հենց որ իմ հորը կհաջողվի խոսել նրա հոր հետ։ Չգիտեմ՝ ինչ պատահեց նրան, միայն թե այդ խոսքերն ասելիս նրա աչքերը լցվեցին արցունքով, շունչը կտրվեց և չնայած իր ճիգ ու ջանքին, այլևս նա չկարողացավ պատասխանել և ոչ մի բառ ― իսկ շատ բան կուզենար ասել, ինչպես թվում էր ինձ։ Այդ ամենն ինձ զարմացրեց, որովհետև նրան առաջներում այդ բանը երբեք չէր պատահել՝ այն վայրկյանները, որ երջանիկ բախտի և իմ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում էր միասին անցկացնել, միշտ մեզ համար ուրախ ու զվարթ էին անցնում, և երբեք ո՛չ արցունք, ո՛չ հոգվոց, ո՛չ խանդ, ո՛չ կասկած, ո՛չ երկյուղ չէին մթագնում մեր զրույցը։ Ես միշտ գովաբանում էի բախտը, որ ինձ այդպիսի սիրուհի է տվել՝ փառաբանում էի նրա գեղեցկությունը, հիանում նրա խելքով ու արժանապատվությամբ, և նա ինձ հատուցանում էր նույնը կրկնակի, գովելով իմ մեջ այն հատկությունները, որ նրա սիրող աչքերին գովասանքի արժանի էին թվում։ Ապա մենք խոսում էինք հազար ու մի մանր֊մունր բաներից, մեր հարևանների և ծանոթների մոտ պատահած դեպքերից և ամենամեծ հանդգնությունը, որ ես թույլ էի տալիս ինձ, այն էր, որ ես գրեթե բռնի բռնում էի նրա չքնաղ, ճերմակ ձեռքը և մոտեցնում էի իմ շուրթերին, ինքան որ թույլ էին տալիս ինձ մեզ բաժանող ցանկապատի երկաթե խիտ ճաղերը։ Սակայն իմ գնալու տխուր օրվա նախօրյակին, երեկոյան, նա լալիս էր, ախ քաշում և հեռանալով ինձ թողեց շփոթմունքի ու տագնապի մեջ։ Ես վախեցած մնացի նրա վշտի ու ցավի այս նոր և ինձ համար տխուր նշաններից, սակայն, չկամենալով խորտակել իմ հույսերը, ես այդ ամենը վերագրեցի նրա սիրո զորությանը և վշտին, որ սովորաբար համակում է սիրահարներին անջատման ժամին։ Վերջապես ես տխուր ու մտամոլոր գնացի։ Իմ հոգին լի էր կռահումներով ու կասկածներով, թեև ես ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ ենթադրում և ում կասկածում ― դա ինձ սպասող վշտի ու դժբախտության բացահայտ նախալուրն էր։
Հասնելով այնտեղ, որտեղ ուղարկված էի, ես հանձնեցի նամակը դոն Ֆերնանդոյի եղբորը։ Ինձ ընդունեցին սիրալիր, բայց երկար պահեցին։ Ես հրաման առա, մի բան, որ ինձ մեծ ցավ պատճառեց, սպասել մեկ շաբաթ և ծեր հերցոգի աչքին չերևալ այն պատճառով, որ դոն Ֆերնանդոն իբր թե խնդրել է եղբորից, որ առանց հոր գիտության փող ուղարկի իրեն։ Այդ ամենը ստախոս Ֆերնանդոյի սարքած բանը դուրս եկավ, որովհետև նրա եղբայրը ուներ բավականաչափ փող, և նա կարող էր իսկույն ևեթ ինձ հետ ուղարկել։ Ես մեկ ուզեցա այդ հրամանը չկատարել, որովհետև ինձ անհնար էր թվում ապրել մի քանի օր անջատված Լյուսինդայից, մանավանդ նրան այդքան տխուր թողնելուց հետո։ Սակայն դարձյալ, որպես հավատարիմ ծառա, ես հնազանդեցի, թեև տեսնում էի, որ դրանով խորտակում եմ իմ սեփական բարեկեցությունը։ Իմ գալուց չորս օր անց ինձ մոտ մի նամակաբեր եկավ։ Ես դեռ նամակը չբացած իսկույն ևեթ կռահեցի, որ Լյուսինդայից կլինի։ Նրա ձեռքն էր։ Հուզմունքով ու երկյուղով բաց արի նամակը, հավատացած լինելով, որ միայն ծայրահեղ անհրաժեշտությունն էր կարող ստիպել նրան գրելու ինձ մի ուրիշ քաղաք, որովհետև անգամ միևնույն քաղաքում եղածս միջոցին էլ նա հազարից մեկ էր գրում ինձ։ Սակայն նամակը կարդալուց առաջ ես բերողից հարցրի, թե ով հանձնեց իրեն նամակը և ինչքան ժամանակ է եղել ճամփում։ Նա պատասխանեց, որ մի անգամ կեսօրին, նա մեր քաղաքի փողոցով անցնելիս է եղել, և ինչ֊որ շատ գեղեցիկ օրիորդ նրան կանչել է լուսամուտից։ Արցունքն աչքերին նա ասել է իրեն․ «Եղբայր, եթե դուք քրիստոնյա եք, ինչպես թվում է, աղաչում֊պաղատում եմ Աստծու սիրուն, որքան կարելի է շուտ հասցնեք այս նամակը այն մարդուն, որի անունն ու հասցեն այստեղ գրած է։ Նրան գտնելը դժվար չի լինի։ Դուք աստվածահաճո գործ արած կլինեք, իսկ որպեսզի այդ ճամփորդությունն անելու համար միջոց ունենաք ― ահա՛ ձեզ փող»։ Այս խոսքերն ասելով՝ նա նետեց մի թաշկինակ, որի մեջ հարյուր ռեալ կար կապած, ահա այս ոսկե մատանին և նամակը, որ ես ձեզ հանձնեցի։ Եվ, առանց իմ պատասխանին սպասելու, նա հեռացավ լուսամուտից։ Բայց նա այնուհանդերձ կարողացավ տեսնել, որ ես նամակն էլ, թաշկինակն էլ վերցրի և նշաններով ասացի, որ հանձնարարությունը կկատարեմ։ Համոզվելով, որ իմ աշխատանքը լավ վարձատրված է, և հասցեից տեսնելով, որ ինձ ձեզ մոտ են ուղարկում ― իսկ ձեզ, սինյոր, ես շատ լավ եմ ճանաչում, ― ես զգացվեցի այդ չքնաղ օրիորդի արցունքներից և վճռեցի առանց մեկն ու մեկին վստահելու, կատարել այդ գործն անձամբ։ «Նամակն ինձ տասնվեց ժամ առաջ է հանձնված եղել և այդ ժամանակի ընթացքում ես կտրեցի ձեզ հայտնի ճանապարհը, այսինքն՝ տասնութ մղոն»։ Ես ագահությամբ լսեցի այդ արտասովոր և հաճոյակատար առաքյալի պատմությունը և իմ ծունկներն այնպես էին դողում, որ ես հազիվ էի ոտի վրա մնացել։ Վերջապես ես բաց արի նամակն ու կարդացի հետևյալը․
Դոն Ֆերնանդոն ձեզ տված խոսքը ― խոսելու Ձեր հոր հետ, որպեսզի վերջինս խոսի իմ հոր հետ ― կատարեց, բայց ոչ հօգուտ ձեզ, այլ հօգուտ իր։ Իմացած եղեք, սինյոր, որ նա ինքը խնդրեց իմ ձեռքը և իմ հայրը, շլացած այն առավելություններից, որ դոն Ֆերնանդոն, նրա կարծիքով, ունի համեմատած Ձեզ հետ, այնպիսի պատրաստակամությամբ համաձայնեց նրա առաջարկությանը, որ երկու օրից պիտի տեղի ունենա մեր պսակադրությունը։ Դա գաղտնի կլինի, առանց հրավիրյալների։ Վկաները կլինեն լոկ երկինքը և մի քանի տանու ծառաներ։ Կարող եք երևակայել, թե ի՞նչ հուսակտուր կացության մեջ եմ։ Վճռեցեք, պե՞տք է արդյոք, որ Դուք գաք։ Այս անցքի կատարվելը ցույց կտա Ձեզ, սիրո՞ւմ եմ Ձեզ, թե՞ չէ։ Թող երկինքը կամենա, որ այս նամակն ընկնի ձեր ձեռքը նախքան ես հարկադրված կլինեմ իմ ձեռքը տալու նրան, ո՛վ չի կարողանում պահպանել խոստացած հավատարմությունը։
Այսպես էր ընդհանրապես այս նամակի բովանդակությունը, որ ինձ մղեց անմիջապես ճամփա ընկնել՝ առանց սպասելու պատասխանի և փողի։ Որովհետև այդ րոպեին ինձ համար միանգամայն պարզվեց, որ դոն Ֆերնանդոն, ուղարկելով ինձ իր եղբոր մոտ, ձի գնելու համար չէ՛ր հոգում, այլ իր քմահաճույքը բավարարելու։ Ցասումը Ֆերնանոդյի դեմ և սիրո և ծառայության երկար ու ձիգ տարիներով ձեռք բերած գանձը կորցնելու երկյուղը ինձ թևավորեցին, և հետևյալ օրը ես թռա֊հասա մեր քաղաքը, այն իսկ ժամին ու վայրկյանին, երբ ես սովորաբար գնում էի Լյուսինդային տեսակցության։ Ես մտա քաղաք աննկատ և ջորիս տարա այն իսկ բարի մարդու մոտ, որ ինձ համար նամակ էր բերել։ Երջանիկ բախտը նպաստում էր ինձ, և ես տեսա Լյուսինդային վանդակապատ լուսամուտի հետևում ― մեր սիրո վկա լուսամուտի։ Նա իսկույն ճանաչեց ինձ, ես էլ ճանաչեցի նրան, բայց, ավա՜ղ, այդպես չէինք ենթադրում մենք հանդիպելու իրար։ Որովհետև կգտնվի՞ արդյոք աշխարհիս երեսին մի մարդ, որ ի վիճակի լիներ պարծենալու, թե թափանցել է կնոջ նկարագրի խորքը և ըմբռնել նրա փոփոխական և շփոթ բնույթը։ Ուրեմն, ես շարունակում եմ։ Հենց որ Լյուսինդան ինձ տեսավ, ասաց․ «Կարդենիո, հագիս հարսանեկան հանդերձ է։ Դահլիճում ինձ սպասում է դավաճան Ֆերնանդոն և իմ ընչաքաղց հայրը իր հրավիրյալներով, սակայն նրանք ականատես պիտի լինեն ոչ թե հարսանիքի, այլ մահվան։ Մի վրդովվիր, բարեկամս, այլ աշխատիր ներկա լինել պսակադրության ծեսին։ Եթե իմ խոսքերն անզոր լինեն կարգը լուծելու, ապա դաշույնը, որ թաքցրել եմ կրծքիս, կքանդի սրանից ավելի ահավոր դավերը։ Եվ երբ որ իմ կյանքը խզվի, դու կսկսես ընբռնել, թե ինչպես եմ քեզ սիրել և սիրում»։ Ես նրան հուզված և արագ֊արագ պատասխանեցի՝ վախենալով, որ ժամանակը չի բավի ավարտեմ խոսքս։ «Օ՜, թող քո գործերը, տիրուհի, հաստատեն քո խոսքերի ճշմարտությունը։ Դու դաշույն ես ձեռք բերել, քո սերն ապացուցելու համար, ― ահա՛ նաև իմ թուրը։ Ես քեզ կամ նրանով կպաշտպանեմ, կամ ինքնասպան կլինեմ, եթե բախտը թշնամաբար լինի մեզ»։ Չեմ կարծում, որ նա կարողացած լիներ իմ խոսքերը լսելու, որովհետև այդ վայրկյանին մեկը նրան ձայն տվեց՝ ասելով, որ փեսացուն սպասում է նրան։
Եվ ահա հասավ իմ ցավի գիշերը, մայր մտավ իմ խնդության արևը, իմ աչքի լույսը մարեց, և ես մնացի առանց խոսքերի և մտքերի։ Ես ուժ չունեի նրա տունը մտնելու, ես անկարող էի տեղիցս շարժվելու։ Սակայն հետո, խորհելով, որ ինչ ելք էլ գործն ընդունելու լինի, իմ ներկայությունն այնտեղ անհրաժեշտ է, ես սիրտ արի և մտա Լյուսինդայի տունը, որի բոլոր ելք ու մուտքն ինձ լավ հայտնի էր, և գաղտնի պատրաստությունների իրարանցումի շնորհիվ ինձ ոչ ոք չնկատեց։ Այդպես աննկատ ես ներս սողացի պատուհանի որմնախորը, որ ծածկված էր երկու խալիչաների ծայրերով։ Այնտեղ ինձ ոչ ոք չտեսավ, իսկ ես խալիների արանքից կարող էի տեսնել, թե ինչ է կատարվում դահլիճում։ Ինչպե՜ս պատմեմ այն տանջանքը, որ զգում էր սիրտս, քանի ես այնտեղ էի։ Ինչե՜ր, ինչե՜ր ասես, որ ես չխորհեցի։ Սակայն այդ ամենը հաղորդելու հնար չկա, ոչ էլ կարիք։ Կասեմ միայն, որ վերջապես ներս մտավ դահլիճը փեսացուն՝ նա տոնական զգեստ չուներ, հագին իր սովորական հանդերձն էր։ Նրա խաչեղբայրը Լյուսինդայի երկրորդական եղբայրն էր, և ամբողջ դահլիճում բացի տանեցիներից ոչ մի օտար դեմք չկար։ Քիչ հետո մյուս սենյակից դուրս եկավ Լյուսինդան մոր և նաժիշտների ուղեկցությամբ, այնպիսի արդ ու զարդով, որ վայել էր նրա ազնվական ծագման և գեղեցկության մի օրիորդի, որ նրբության և ազնիվ քնքշության օրինակ էր։ Ես, տագնապով և ջղագարությամբ բռնված չկարողացա մանրամասն դիտել և նկատել նրա զգեստը։ Մտքումս միայն մնաց այն, որ երկու գույն ուներ՝ ծիրանի և ճերմակ և որ նրա մազերն ու զգեստը փայլում էին թանկագին քարերից և որ նրա գեղեցիկ խարտյաշ գանգուրների զարմանալի գեղեցկությունը ամեն ինչ նսեմացնում էր։ Նրանց փայլը աչք էր շլացնում, մրցելով թանկագին քարերի փայլի և դահլիճում վառվող երեք ջահերի լույսի հետ։ Օ՜ հիշողություն, իմ հանգստյան մահացու թշնամին, ինչո՞ւ եմ ես հիմա իմ աչքերի առջև նկարում իմ պաշտելի թշնամու աննման գեղեցկությունը։ Ավելի լավ չէ՞ր լինի, դժնի հիշողություն, հիշեցնեիր և ներկայացնեիր այն, ինչ որ նա այն վայրկյանին արեց, որպեսզի ինձ մղի արդարացի զայրույթից եթե ոչ վրեժ լուծել, ապա գեթ ինքնասպան լինել։ Միք սրտնեղի, սինյորներ, որ ես անընդհատ շեղումներ եմ անում, իմ դարդը չի կարելի և պետք չէ կարճ ու արագ պատմել՝ չէ՞ որ այդ պատմության յուրաքանչյուր հանգամանք արժանի է թվում ինձ երկար ու բարակ զրուցելու։
Քահանան դրան պատասխանեց, որ իրենք ոչ միայն չեն սրտնեղում, այլ ընդհակառակը՝ բոլոր մանրամասնությունները մեծ բավականությամբ են լսում, որովհետև նրանցից և ոչ մեկը չի կարելի լռությամբ անցնել, և նրանք բոլորն էլ նույնքան արժանի են ուշադրության, որքան և բուն պատմությունը։
― Ահա, ― շարունակեց Կարդենիոն, ― երբ որ բոլորը հավաքվեցին դահլիճում, ներս մտավ ծխական քահանան, և ինչպես պահանջում է ծեսը, երկուսի ձեռքն էլ բռնեց ու հարցրեց․ «Համաձա՞յն եք, օրիորդ Լյուսինդա, ճանաչել այստեղ ներկա գտնվող դոն Ֆերնանդոյին ձեր օրինական ամուսինը, ինչպես պահանջում է մեր սուրբ մայր եկեղեցին։ Այստեղ ես դուրս բերի խալիչաների ետևից գլուխս ու պարանոցս և շփոթ ու շնչասպառ պատրաստվեցի լսելու Լյուսինդայի պատասխանը, այդ պատասխանից ակնկալելով կա՛մ փրկություն, կա՛մ մահվան դատավճիռ։ Օ՜, եթե ես այդ վայրկյանին կարողանայի նետվել դեպի նա և ճչալ․ Օ՜, Լյուսինդա, Լյուսինդա, մտածիր քո արածդ, մտաբերիր, թե ինչպես ես կապված ինձ հետ։ Խորհիր՝ չէ՞ որ դու ի՛մն ես և չես կարող պատկանել ուրիշին։ Իմացած եղիր, եթե դու այո ասելու լինես, իմ կյանքի թելը նույն վայրկյանին կխզվի։ Դավաճան դոն Ֆերնանդո, իմ երջանկության կողոպտիչը, իմ կյանքի կործանիչը։ Ուզածդ ի՞նչ է, ինչի՞ ես ձգտում։ Հասկացիր, որ դու քրիստոնյա ես, դու չես կարող բավարարել քո ցանկությունը, որովհետև Լյուսինդան իմ կինն է և ես՝ նրա մարդը։ Օ՜, ես խելագար եմ, ― հիմա՛, երբ անջատված եմ նրանից և հեռու եմ վտանգից, ասում եմ այն, ինչ պետք է որ անեի և ինչ որ ես չարի՜։ Հիմա, թանկագին գանձը ինձնից խլել թույլ տալուց հետո՝ ես անիծում եմ կողոպտիչին, մինչդեռ ես կարող էի վրիժառու լինել, եթե ես այն պահին այնքան արիություն ունենայի, որքան հիմա գանգատվելու ունակություն ունեմ։ Ի՜նչ արած, քանի որ այն պահին ես հիմար ու երկչոտ եղա, ապա մնում է, որ մեռնեմ ամոթով, զղջումով ու խելակորույս։
Քահանան սպասում էր Լյուսինդայի պատասխանին, իսկ նա դանդաղում էր, և երբ որ ես սկսեցի խորհել, թե նա դաշույնն է որոնում իր սերը դեպի ինձ ապացուցելու համար, կամ թե չէ պատրաստվում է ճշմարտությունը ասելու, որպեսզի ցրած լինի ինձ համար կործանիչ այս մոլորությունները ― այդ իսկ վայրկյանին նա թույլ ու դողդոջ ձայնով պատասխանեց․ «Այո՛, համաձայն եմ»։ Նույնն ասաց նաև դոն Ֆերնանդոն, որ նրա մատին մատանի դրեց։ Այսուհետև նրանք կապվեցին ամուսնական անքակտելի կապերով։ Ապա երիտասարդ ամուսինը մոտեցավ, որ գրկի իր ամուսնուն, բայց Լյուսինդան ձեռքը տարավ սրտին և ուշաթափ ընկավ մոր ձեռքերի վրա։ Մնում է ինձ պատմել ձեզ, թե ինչ օրի էի ես, երբ որ Լյուսինդան, իր «այո»֊ով ծաղր ու ծանակ անելով իմ հույսերը, ցույց տվեց, որ բոլոր իր խոսքերն ու խոստումները սուտ են, և հասկացրեց, որ այլևս երբեք ես ետ չեմ բերի այն երջանկությունը, որ ես կորցրի մեկ ակնթարթում։ Ես չգիտեի ինչ անեմ՝ ինձ թվում էր, թե երկինքը լքել է ինձ, թե երկիրը, որի վրա ես կանգնած եմ, թշնամացել է ինձ, թե օդը ինձ շունչ չի տալիս ախ քաշելու համար, իսկ ջուրը՝ հեղուկ ― արցունքի համար։ Հուրն էր միայն որ մեջս ավելի ու ավելի էր սաստկանում և ես բոցավառվել էի կատաղությամբ ու խանդով։ Լյուսինդայի ուշագնացությունը բոլորին շփոթեցրեց։ Մայրը արձակեց նրա զգեստի կոճակները, որ ավելի ազատ շնչի և նրա կրծքին մի փակ նամակ գտնվեց, որ դոն Ֆերնանդոն իսկույն ձեռք գցեց և ջահերից մեկի լույսի տակ սկսեց կարդալ։ Ընթերցումն ավարտելուց հետո նա խորապես մտազբաղ տեսքով նստեց բազկաթոռի վրա, դեմքը հենեց ձեռքին՝ առանց ուշ դարձնելու ներկա եղողների վրա, որոնք խռնվել էին Լյուսինդայի շուրջը, աշխատելով նրան ուշքի բերել։
Տեսնելով, որ բոլոր տանեցիները շփոթմունքի մեջ են, ես վճռեցի դուրս գալ և ինձ համար մեկ էր՝ կնկատե՞ն ինձ, թե՞ ոչ, որովհետև ես պատրաստ էի ամենահուսահատական քայլեր անելու և, եթե ինձ նկատելու լինեին, ապա արար աշխարհը կիմանար, թե ի՛նչ զայրույթ էր եռում իմ կրծքում։ Ես կպատժեի նենգ դոն Ֆերնանդոյին և դյուրահավատ դավաճանուհուն, որ իմ առջև ուշագնաց պառկած էր։ Սակայն երևի թե բախտը պահպանում էր ինձ առավելագույն դառը աղետների համար, եթե միայն կան այդպիսիները, և նա չկամեցավ, որ այդ վայրկյանին բանականությունս հետ գար, ― որ հետագայում, այստեղ, բոլորովին լքեց ինձ։ Ես վանեցի իմ մեծագույն թշնամիներից վրեժ լուծելու միտքը (իսկ դժվար չէր այդ անել, որովհետև նրանք գաղափար չունեին, որ ես ներկա եմ) և վճռեցի նրանց արժանի պատիժն իմ դեմ ուղղել։ Եվ, երևի թե, եթե ես նրանց սպանելու լինեի, նրանց տառապանքն ավելի նվազ կլիներ, քան այն տանջանքը, որ ես հիմա կրում եմ։ Չէ՞ որ հանկարծակի մահն ավարտում է մեր վիշտը, մինչդեռ տանջանքով երկարաձգած մահը մեզ անընդհատ սպանում է՝ առանց կյանքից զրկելու։ Մի խոսքով՝ ես դուրս եկա Լյուսինդայի տնից և գնացի մի մարդու մոտ, որի մոտ թողել էի իմ ջորին։ Հրամայեցի, որ ջորուս փալանը դնեն, հեծա և տանտիրոջը հրաժեշտ չտալով, դուրս եկա քաղաքից։ Ղովտի պես սիրտ չանելով հետ նայելու։ Երբ որ ես մնացի մենակ դաշտում, և գիշերվա մթությունը ծածկեց ինձ, իսկ լռությունը տրամադրեց աղերսանքի, ես բարձրացրի ձայնս, առանց հոգ տանելու և զգուշանալու, որ մեկն ու մեկը ինձ կլսի և կճանաչի ինձ և անթիվ անեծք թափեցի Լյուսինդայի ու դոն Ֆերնանդոյի գլխին, ասես թե ես դրանով վարձատրում էի ինձ կրածս վիրավորանքի համար։ Ես նրան դաժան էի անվանում, անսիրտ, ստասաց, անշնորհակալ։ Մանավանդ ես խարազանում էի նրա ընչասիրությունը, որովհետև իմ թշնամու հարստությունը կուրացրել էր նրա սիրտը, և նա լքեց ինձ, տրվելով նրան, որին բախտը ավելի առատաձեռն ու վեհանձ էր շնորհել։ Մեկ էլ հանկարծ այս անեծքի և կշտամբանքի տարափն ընդհատելով, ես սկսում էի նրան արդարացնել, ասելով, որ ծնողները նրան խստության մեջ էին դաստիարակել, որ նա սովորել ու ընտելացել է ամեն բանում հնազանդել նրանց, ուստի զարմանալի չէ, որ նա կամեցել է կատարել նրանց կամքը, մանավանդ, որ նրանք այնքան արժանավոր, հարուստ ու ազնվազարմ մի ազնվական են նրա համար ամուսին ընտրել։ Եթե նա մերժելու լիներ, ապա ամենքը կկարծեին, թե նա խելառ է և սիրում է մի ուրիշին ― իսկ այդ կասկածը շատ կվնասեր նրա համբավին ու բարի անվանը։ Ապա ես առարկում էի ինքս ինձ, որ Լյուսինդան պիտի հայտարարեր, որ ես նրա ամուսինն եմ, և այդ դեպքում ամենքը նրան կարդարացնեին, քանի որ նա վատ ընտրություն չէր արել։ Չէ՞ որ դոն Ֆերնանդոյի առաջարկություն անելուց առաջ նրա ծնողները իրենք էլ իրենց աղջկան ավելի լավ ամուսին չէին կարող ցանկանալ, եթե միայն նրանց ցանկությունները ղեկավարում է բանականությունը։ Որ Լյուսինդան, փոխանակ ենթարկվելու ծայրահեղ բռնության և դոն Ֆերնանդոյին մարդու գնալու, պարտավոր էր ասելու, որ կապված է ինձ հետ ― ես կօգնեի նրան և նեցուկ կլինեի այն ամենի նկատմամբ, որ նա այդ առթիվ հնարելու լիներ։ Վերջ ի վերջո ես այն եզրակացության հանգեցի, որ նա խելառ է, անզգա և փառամոլ, ուստի և շքեղության ծարավը հարկադրել է նրան մոռացության տալու այն խոսքերը, որոնցով նա խաբում էր, սնում ու պահպանում իմ ամբողջ հույսերն ու ազնիվ զգացմունքները։
Գիշերվա ողջ մնացորդը ես թափառում էի, տագնապի մեջ խոսում ինքս ինձ հետ և լուսաբացին ընկա այս լեռները։ Երեք օր ես թափառեցի լեռներում, որտեղ ոչ ճամփա կար, ոչ կածան, մինչև որ, վերջապես, հասա մի լեռնադաշտ, որ այստեղից հեռու չէ։ Այնտեղ ես հովիվներից հարցրի, թե այս լեռներում ինչ վայրի կիրճեր կան, և նրանք ինձ այս կողմը ուղղեցին։ Ես իսկույն ճամփա ընկա՝ հաստատ վճռած լինելով այնտեղ ինքնասպան լինել։ Այս խորքերն ընկնելու միջոցին իմ ջորին սատկեց հոգնածությունից ու սովից։ Ես նույնիսկ կարծում եմ, որ այդպես պատահեց նրա համար, որ ջորին այլև չկամեցավ իր վրա քարշ տալ իմ մարմինը ― մի անպետք բեռ։ Ես քարշ եկա ոտով, ուժասպառ, սովալլուկ, անօգ, առանց որևէ մեկից օգնություն հայցելու։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ մնացի ես գետին փռված, ապա թե վեր կացա, առանց քաղց զգալու և ոչ հեռու ինձնից այծարածներ տեսա։ Ահա նրանք օգնեցին ինձ։ Նրանց ասելով, երբ որ նրանք ինձ հանդիպեցին, ես այնպիսի անմիտ ու անիմաստ խոսքեր էի արտասանում, որ պարզ էր իմ խելակորույս լինելը։ Հետագայում ես էլ համոզվեցի, որ ժամանակ առ ժամանակ ես խելքս կորցնում եմ, իմ գիտակցությունը մթագնում ու թուլանում է և հազար ու մեկ խելագարություն եմ անում, պատառոտում եմ հագիս հանդերձը, այս անապատը լցնում եմ հառաչանքներով, անիծում եմ բախտս և ապարդյուն կրկնում իմ թշնամու սիրելի անունը։ Այդ վայրկյաներին ես մի ցանկություն և մի միտք եմ ունենում այս հառաչանքներով վերջացնեմ կյանքս։ Իսկ երբ ուշքի եմ գալիս, ես այնքան ջարդված եմ լինում ու տանջված, որ հազիվհազ եմ շարժվում։
Սովորաբար ես գիշերում եմ կաղնու փչակում, որ բավականաչափ ընդարձակ է, որ իմ թշվառ մարմինը ծածկի։ Գյուղացիները, որ այս լեռներում կով ու այծ են արածացնում, մեղքանալուց ինձ սնում են՝ ճամփի եզերքին կամ ժայռերի վրա ինձ համար ուտելիք դնելով, և ես թափառելով պատահաբար գտնում եմ։ Եվ ահա, անգամ երբ որ բանականությունս լքում է ինձ, բնության ձայնն ստիպում է ինձ ճանաչել սնունդը, մեջս նրան ձեռք գցելու ու կլանելու ցանկություն է հարուցանում։ Պատահում է, ― պատմում են ինձ հովիվները իմ զգաստանալու պահերին, ― որ ես դուրս եմ վազում ճամփան, երբ որ նրանք գյուղից իրենց վրանները մթերքներ են բերելիս լինում և բռնի խլում եմ այն, ինչ որ նրանք կտային ինձ կամավին։ Այսպես եմ քարշ տալիս իմ կյանքի դառն ու չարքաշ օրերը՝ սպասելով, թե երբ կհաճի երկինքը, վերջ տալու կամ թե չէ ջնջելու իմ հիշողությունից Լյուսինդայի գեղեցկության և դավաճանության և դոն Ֆերնանդոյի ինձ հասցրած վիրավորանքի հիշատակը։ Եթե երկինքն ինձ այդ ավելի շուտ առաքի, քան թե մահը ― ապա իմ միտքը կհանգստանա, իսկ եթե ոչ ― ապա կմնա, որ աղերսեմ երկնքից իմ հոգու համար անսահման գթություն, որովհետև ես ոչ ուժ ունեմ, ոչ արիություն իմ մարմինը դուրս բերելու այն աղետալի կացությունից, որ ես ինքս եմ նրան կամովին դատապարտել։
Ահա, սինյորներ, իմ դժբախտության ցավալի պատմությունը։ Ասացեք, կարելի՞ է արդյոք տանել, առանց զգալու այն հուզումները, որ ես եմ զգում։ Հոգնություն մի՛ք պատճառի ձեզ հորդորելով և խորհուրդ տալով ինձ այն, ինչ որ բանականության տեսակետից կարող էր ինձ համար օգտավետ լինել, որովհետև ձեր խորհուրդներն ինձ նույնքան քիչ կօգնեն, որքան դեղերը, որ դուրս է գրում հռչակավոր բժիշկը մի հիվանդի համար, որը չի ուզում ընդունել դրանք։ Առանց Լյուսինդայի ինձ բուժում հարկավոր չէ։ Եվ քանի որ նա հաճել է ուրիշին տրվել, թեև պատկանել ու պիտի պատկաներ ինձ ― ապա ես կամենում եմ մնալ իմ դարդի մեջ, թեև ես կարող էի երջանիկ դառնալ։ Իմ տառապանքների հարատևությունը առաջ է եկել Լյուսինդայի փոփոխամտությունից, և ես կանեմ ինչ որ հնարավոր է, որպեսզի կործանեմ ինձ և դրանով բավարարեմ նրա ցանկությունը։ Թող իմ կյանքը գալիք սերունդների համար օրինակ լինի, որովհետև ինձնից խլվեց անգամ այն, ինչ որ ունենում են բոլոր զրկվածները՝ մխիթարանքի անհնարությունն իսկ մխիթարում է նրանց, իսկ իմ տառապանքն ու տանջանքը դրանից միայն ավելանում են, և, թվում է ինձ՝ նրանք չեն պրծնի անգամ իմ մահից հետո։
Այսպիսի խոսքերով եզրափակեց Կարդենիոն իր դժբախտ սիրո երկար պատմությունը։ Քահանան մտադիր էր մի քանի մխիթարիչ խոսք ասի, բայց այդ վայրկյանին նրան կասեցրեց ականջին հասած մի ինչ֊որ ձայն։ Ձայնը խոսում էր ցավագին տոնով, բայց ինչ էր ասում ― դուք կիմանաք այս պատմության չորրորդ մասում։ Որովհետև այստեղ իմաստուն ու խորաթափանց պատմաբան Սիդ Համետ Բենենխելին ավարտում է իր պատմության երրորդ մասը։
Գլուխ XXVIII
Ուր պատմվում է նույն լեռներում քահանայի և դալլաքի գլխին եկած նոր ու հաճելի անցքի մասին
Բախտավոր ու բարի էր այն ժամանակը, երբ աշխարհ եկավ խիզախ ասպետ դոն Կիխոտը, որովհետև թափառական ասպետության գրեթե կորած ու անհետացած ուխտին հարություն տալու և աշխարհին վերադարձնելու նրա վեհանձն որոշումը ուրախ ժամանցից զուրկ մեր դարում մեզ վայելք է պատճառում ոչ միայն նրա ճշմարտապատում պատմությամբ, այլև միջանկյալ վիպակներով ու դիպվածներով, որոնք մեծ մասամբ պակաս հաճելի, ճարտար ու ճշմարտապատում չեն, քան բուն պատմությունը։ Իսկ վերջինս, հետևելով գզած բրդից մանած հավասար թելին, պատմում է, թե այն րոպեին, երբ քահանան մտադիր էր մխիթարել Կարդենիոյին, նրանց ականջին մի վշտալի ձայն հասավ, որ հետևյալն էր ասում․
― Տե՜ր Աստված։ Մի՞թե այս լեռներում ես գտա վերջապես գաղտնի դամբարանը իմ մարմնի, որ ակամա քարշ եմ տալիս՝ իբրև բեռ։ Այո՛, գտա, եթե այս կիրճերի ամայությունն ինձ չի խաբում։ Ի՜նչ դժբախտ կին եմ եղել ես։ Այս թավուտներում ու ժայռերում ես կարող եմ գանգատվել երկնքին իմ ցավերից, և անապատն ինձ համար մարդկանց հասարակությունից ավելի սիրելի է, որովհետև աշխարհիս երեսին չկա մեկը, որից կարելի լինի տարակուսանքների համար խորհուրդ ակնկալել, մխիթարանք՝ ցավերի և դեղ՝ վշտերի համար։
Քահանան և նրա ուղեկիցներն առան այդ ձայնն ու լսեցին այդ խոսքերը և նրանց թվաց, թե դա բոլորովին մոտիկ տեղից է գալիս (ինչ որ, իրոք, այդպես էլ էր)։ Ուստի նրանք գնացին որոնելու խոսողին և, քսան քայլ չանցած, հանկարծ ժայռի ետևում, հացենու տակին գեղջկական հագուստով մի երիտասարդ տեսան։ Նա նստած էր, ոտները դրած այնտեղից հոսող վտակի մեջ և գլուխը ցածր խոնարհած, այնպես որ նրանք սկզբում նրա դեմքը չտեսան։ Նրանք այնքան կամացուկ մոտեցան, որ երիտասարդը չլսեց։ Նա խնամքով լվանում էր ոտները, որ ճերմակ բյուրեղի կտորների էին նմանում, որ կարծես թե այլ քարերի միջև ծնվել էին վտակում։ Նրանց գեղեցկությունն ու ճերմակությունը զարմացրին մեր բարեկամներին։ Նրանց հավատալը չէր գալիս, որ նման ոտիկներ ստեղծած լինեին վարած դաշտ կոխ տալու կամ գութանի ու գոմեշների ետևից քայլելու, թեև շորերին նայած երիտասարդը գյուղացի էր։ Համոզվելով, որ նա իրենց չի նկատել, քահանան, որ առջևից էր գնում, իր ուղեկիցներին նշան արեց, որ անհետանան և թաքնվեն ժայռերի կույտերի ետևում, մի բան, որ նրանք արին՝ շարունակելով ուշի֊ուշով հետևել երիտասարդին։ Նրա հագին գորշագույն կապա կար, որ կողքերից կտրված էր և ամուր սեղմված էր ճերմակ գոտիով, ապա՝ վարտիք և ոտի փաթաթան գորշագույն մահուդից, իսկ գլխին՝ գորշագույն գործած գլխարկ։ Փաթաթանը փաթաթած էր մինչև ծնկները, իսկ ծնկները ճերմակ ալեբաստրի նման էին։ Իր չքնաղ ոտները լվանալուց հետո նա իր գլխարկի միջից մի թաշկինակ հանեց, որով գլուխ են կապում և սկսեց սրբել ոտները։ Սակայն գլխարկը հանելու միջոցին նա գլուխը բարձրացրեց և նրան նայողները այնպիսի աննման գեղեցկություն տեսան, որ Կարդենիոն շշնջաց քահանային․
― Էհ, եթե դա Լյուսինդան չէ, ապա մարդ էլ չէ, այլ՝ հրեշտակ։
Մինչ այս, մինչ այն, երիտասարդը գլխարկը հանեց և թափ տվեց գլուխը, և իսկույն արձակվեցին ու թափվեցին մինչև ուսերը նրա մազերը, որոնց կարող էին նախանձել արևի ճառագայթները։ Այստեղ մեր բարեկամները գլխի ընկան, որ կարծեցյալ գյուղացին կին է, այն էլ՝ չքնաղ, որից գեղեցիկը նրանք մինչ այդ չէին տեսել, անգամ Կարդենիոն, որ տեսել ու ճանաչել էր Լյուսինդային, հավատացնում էր, որ միմիայն նրա սիրածն էր կարող գեղեցկությամբ մրցել անծանոթի հետ։ Նրա երկար խարտյաշ մազերը այնքան առատ ու ոլորուն էին, որ ոչ միայն ուսերն էին ծածկում, այլև նրան ամբողջապես ծածկում էին, այնպես որ նրա ողջ մարմնից միայն ոտերն էին երևում։ Նա իր մազերը ձեռներով էր սանրում։ Եվ եթե նրա ոտները վտակում բյուրեղի կտորներ էին թվում, ապա ձեռները վարսերի վետերում հիշեցնում էին ամուր ձյունի կտորներ։ Այդ ամենի տեսքից նայողների մեջ հիացումի հետ միասին աճում էր նրան ճանաչելու ցանկությունը։ Ուստի նրանք որոշեցին երևելի դառնալ։ Աղմուկի ձայն առնելով, որ դուրս եկավ այդ շարժման հետևանքով, չքնաղ աղջիկը գլուխը բարձրացրեց և աչքերը ծածկող մազերը երկու ձեռքով ետ գցելով, նայեց այն կողմը, որտեղից նրան հասան այդ ձայները։ Սակայն, եկվորներին դեռ չտեսած, նա վեր թռավ, վերցրեց իր իրեղենների կապոցը և ինչպես որ կար ― բոբիկ, հերարձակ, ահ ու դողի մեջ փախուստ տվեց։ Սակայն նրա քնքուշ ոտները չկարողացան տանել քարերի կոշտությունը և մի հինգ֊վեց քայլ անելուց հետո նա վայր ընկավ։ Տեսնելով այդ՝ երեքն էլ մոտեցան նրան և քահանան առաջինը խոսեց․
― Ով էլ որ լինեք դուք, տիրուհի, հավատացած եղեք, որ ձեր առջև այնպիսի մարդիկ են, որոնց միակ ցանկությունն է ծառայել ձեզ։ Դուք պատճառ չունեք այդքան շուտափույթ փախուստ տալու։ Ձեր ոտիկներն էլ չեն կարող տանել, մենք էլ չենք կարող թույլ տալ այդ։
Զարմանալով ու քաշվելով նա ոչ մի խոսք չպատասխանեց։ Նրանք մոտեցան և քահանան, բռնելով նրա ձեռքը, շարունակեց այսպես․
― Այն, ինչ ծածկում էր մեզնից ձեր հանդերձը, մատնեցին ձեր մազերը։ Երևի թե կարևոր պատճառներ կան, որ հարկադրել են ձեզ ձեր գեղեցկությանն այնքան անվայել հագուստ հագնել և այս խուլ վայրերը քաշվել, որտեղ երջանիկ պատահականությունն օգնեց մեզ ձեզ գտնելու։ Եթե մենք ի վիճակի էլ չլինենք ձեր դարդը բուժելու, ապա գոնե կօգնենք ձեզ խորհրդով։ Որքան էլ դժբախտությունը մեզ կեղեքելու լինի, ինչ աստիճանի էլ նա հասնելու լինի, քանի որ մենք կենդանի ենք, մենք չպիտի խուսափենք խորհուրդներից այն մարդկանց, որ կամենում են ձեր տառապանքը թեթևացրած լինեն։ Ուստի, տիրուհիս, կամ տեր իմ, կամ որպես ձեզ հաճելի լինի, մի կողմ թողեք երկյուղը, որ մեր երևան գալը պատճառեց ձեզ՝ և պատմեցեք մեզ ձեր վիշտն ու խինդը, իսկ մենք բոլորս միասին կամ յուրաքանչյուրս ջոկ֊ջոկ կօգնենք ձեզ ձեր դարդը տանելու։
Քահանայի ամբողջ ճառի ընթացքում շորերը փոխած աղջիկը կանգնած էր հմայվածի պես և նայում էր նրանց առանց շուրթերը շարժելու և առանց ձայն֊ծպտուն հանելու, բոլորովին գեղջուկ տղայի պես, որին հանկարծ հազվագյուտ, երբեք չտեսնված բաներ են ցույց տվել։ Քահանան նորանոր ապացույցներ էր բերում, որ նույն նպատակին էին ուղղված։ Վերջապես խորունկ հոգվոցով նա խզեց լռությունն ու ասաց․
― Քանի որ այս լեռների ամայությունն էլ չկարողացավ թաքցնել ինձ, իսկ իմ բաց ու արձակ մազերը թույլ չտվին, որ լեզուս ստի, ապա զուր կլիներ, որ ես ուրիշ մարդ ձևանայի։ Դուք ինձ հավատալու տեսք կընդունեք, սակայն քաղաքավարությունից դրդված, ոչ ավել։ Ուստի սինյորներ, ես շնորհակալ եմ ձեր առաջարկությունների համար և պարտավորված եմ համարում ինձ կատարելու ձեր խնդիրը։ Միայն թե երկյուղ եմ կրում, որ իմ տառապանքների պատմությունը ձեր մեջ միայն կարեկցություն չի հարուցանի, այլև հուսահատություն, որովհետև դուք ոչ դեղ կգտնեք նրանց բուժելու համար, ոչ խորհուրդ՝ թեթևացնելու։ Այնուհանդերձ, որպեսզի դուք իմ պատվի նկատմամբ տարակուսած չլինեք, իմանալով, որ ես կին եմ և տեսնելով ինձ այսքան երիտասարդ, առանց ուղեկիցների և այսպիսի հագուստ հագիս ― իսկ բոլոր այդ հանգամանքները միասին և նրանցից յուրաքանչյուրը առանձին կարող են արատավորել ամեն մի բարի անուն ― ես ձեզ կպատմեմ այն, ինչ որ ես, եթե կարողանայի, կգերադասեի լռությամբ անցնել։
Այդ ամենը նա արտասանեց առանց կանգ առնելու։ Չքնաղ աղջիկը այնպիսի սահուն ոճ ուներ և այնքան քնքուշ ձայն, որ նրա խելքը պակաս չէր հիացնում, քան գեղեցկությունը։ Նրանք նորից սկսեցին առաջարկել իրենց ծառայությունը և խնդրել, որ նա իր խոստումը կատարի։ Առանց իրեն թախանձել տալու աղջիկը մեծագույն համեստությամբ կոշիկները հագավ և մազերը կարգի բերեց, ապա նստեց նրանց միջև՝ ժայռի փոս տեղում և, դժվարությամբ զսպելով արցունքները, հանդարտ ու պայծառ ձայնով այսպես սկսեց իր կյանքի պատմությունը․
― Մեր Անդալուզիայում կա մի քաղաք, որի անունով կոչվում է իր հերցոգը՝ Իսպանիայի մեծամեծներից մեկը։[123] Նա երկու որդի ունի, մեծը՝ իր տիտղոսի և, ինչպես թվում է, նրա ազնիվ բարքերի ժառանգը, փոքրը՝ չգիտեմ, թե ում ժառանգն է, թերևս իր դավաճանությամբ Վելյիդոյինը կամ նենգամտությամբ Գանելոնինը։ Իմ ծնողները այդ տերերի ծառաներն են։ Նրանք համեստ տոհմից են, բայց այնքան հարուստ, որ եթե նրանց ազնիվ ծագումը հավասար լիներ հարստության ― նրանք ոչինչ ցանկություն չէին ունենա, իսկ ես կարող կլինեի երկյուղ չկրել դժբախտություններից, որ հիմա թափվել են գլխիս, որովհետև, թերևս, բոլոր իմ աղետները նրանից են ծագում, որ նրանք ազնվական չեն ծնվել։ Ճիշտ է, նրանց ծագումը այնքան ստոր էլ չէ, որ մարդ ամաչի, սակայն բավականաչափ բարձր էլ չէ։ Ուստի ես կարծում եմ, որ նա է իմ տառապանքների պատճառը։ Մի խոսքով՝ նրանք գյուղացիներ են, հասարակ մարդիկ, առանց որևէ ամոթաբեր արյան խառնուրդի և, ինչպես ասվում է, բարի հին քրիստոնյաներ, համ էլ այնքան հարուստ, որ հարստությունն ու շքեղ կենցաղավարությունը նրանց կամաց֊կամաց հավասարեցրել են հիդալգոներին և անգամ կաբալյերոներին։[124] Սակայն առավել քան հարստությունից և ազնվական ծագումից նրանք պարծենում էին ինձնով՝ իրենց աղջկանով։ Նրանի՞ց էր արդյոք, որ նրանք ուրիշ ժառանգ չունեին, թե նրանից, որ նրանք ինձ սաստիկ սիրում էին, սակայն երբեք, կարծեմ, ծնողները իրենց զավակներին այնպես երես տված չեն եղել, ինչպես նրանք՝ ինձ։ Ես նրանց համար հայելի էի, որի մեջ նրանք տեսնում էին ինքներն իրենց, նրանց ծերության ցուպը, նրանց հոգսերի առարկան և նրանց երկնքին հնազանդ ցանկությունը այնքան էր գեղեցիկ, որ ինքս էլ այլ ցանկություն չէի կարող ունենալ։ Ես նրանց հոգիների տերն էի և նրանց տան տնտեսուհին։ Ես էի վարձում ու արձակում ծառաներին, ես էի հաշվի և գրի առնում, թե ինչքան է ցանվում ու հնձվում, ես էի կարգադրություններ անում, հաշիվը պահում խոշոր ու մանր անասունների, փեթակների ― մի խոսքով՝ այն ամենի, որ կարող է ունենալ և ուներ այնպիսի հարուստ մի շինական, ինչպիսին իմ հայրն է։ Ես կառավարչուհու ու տիրուհու պես էի ինձ պահում, և իմ եռանդն ու նրանց ուրախությունը այնքան մեծ էին, որ ես պարզապես խոսք չեմ գտնում նկարագրելու համար։ Արձակելով վերակացուներին, ավագ հովիվներին և բատրակներին՝ ես ազատ ժամերս զբաղվում էի գործերով, որոնք նույնքան անհրաժեշտ են, որքան և վայել աղջիկներին, օրինակ՝ կար էի անում, ասեղնագործում և երբեմն թել մանում։ Իսկ երբ ցրվելու համար ես թողնում էի այդ զբաղմունքները, ինձ գրավում էր կամ բարեպաշտ գրքի ընթերցանությունը կամ տավիղ նվագելը, որովհետև ես փորձով գիտեի, որ երաժշտությունը բուժում է հոգու խռովությունը և հանգստացնում խելքից ծագած հուզմունքը։ Այդպես էր անց կենում ծնողական տանը իմ կյանքը, և եթե ես այսքան մանրամասն եմ նկարագրում, ապա հավատացեք, որ սնապարծությունից կամ հարստությունովս պարծենալու ցանկությունից չեմ անում այդ, այլ ես կամենում եմ, որպեսզի դուք ըմբռնեք, թե ինչպես առանց որևէ մեղքի ես այն երջանիկ կացությունից անցա այս ցավագինին։
Օրերս աշխատանքի ու մենության մեջ անցկացնելով, մենության, որ կարելի է վանական փակ կյանքի նմանեցնել, ես հավատացած էի, որ բացի մեր տան ծառաներից ոչ ոք չի կարող ինձ տեսնել, քանի որ անգամ եկեղեցի ես վաղ առավոտյան էի գնում մորս ու սպասավորների ուղեկցությամբ, այն էլ այնպիսի թանձր քողով ծածկված, որ իմ աչքերը հազիվ էին տեսնում գետնի այն կտորը, որի վրա ես ոտ էի դնում։ Այնինչ այնպես պատահեց, որ սիրո, կամ ավելի լավ է ասել, պարապության աչքերը, որոնք չեն հավասարվի և լուսանի աչքերին, նկատեցին ինձ։ Դոն Ֆերնանդոն ― այդպես էր հերցոգի կրտսեր որդու անունը, որ ես արդեն հիշատակել եմ, ― ինձ վրա ուշ դարձրեց։
Հազիվ անծանոթ աղջիկը արտասանեց այդ անունը, Կարդենիոն գունաթափվեց, քրտնեց և այնպիսի ուժգին հուզմունք ցուցադրեց, որ նրան նայող քահանան ու դալլաքը վախեցան՝ կարծելով, թե նորից խելագարությունը բռնեց նրան, որովհետև նրանք գիտեին, որ ժամանակ առ ժամաակ նրան այդ ցավը բռնում է։ Սակայն Կարդենիոն տեղում սառեց՝ քրտնակոխ, անշարժ, նայում էր նա պատմող աղջկան, աշխատելով գլխի ընկնել, թե ով է նա։ Իսկ աղջիկը առանց նկատելու նրա հուզմունքը շարունակեց իր պատմությունը։
― Հազիվ նա ինձ տեսավ, համակվեց սաստիկ սիրով (ինչպես նա ինքը խոստովանեց հետո), որի ուժը հաստատեցին նրա վարմունքները։ Սակայն իմ դժբախտությունները թվելուն վերջ տալու համար ― մեկ է, անկարելի է բոլորը թվել ― ես լռությամբ կանցնեմ Ֆերնանդոյի իր զգացմունքներն իմ առջև բանալու բոլոր փորձերը։ Տանը բոլոր ծառաներին նա կաշառել էր, ծնողներիս վրա թափվում էին նվերներ ու շնորհներ։ Յուրաքանչյուր օր մեր փողոցում տոն ու խնդություն կար, իսկ գիշերները սերենադները ոչ ոքի չէին թողնում քնել։ Անհայտ ճանապարհներով ինձ հասնող նամակները անհաշիվ էին և լի սիրային խոսքերով ու առաջարկներով։ Նրանց մեջ երդում ու խոստումները տառերից շատ էին։ Այդ ամենը ոչ միայն չսիրաշահեց իմ սիրտը, այլև, ընդհակառակ, խստասիրտ դարձրեց, ասես նա իմ մահացու թշնամին լիներ և կարծես այն ամենը, ինչ որ նա անում էր իմ սիրտը գրավելու համար, հակառակ նպատակի էր ուղղվում։ Սակայն դոն Ֆերնանդոյի սիրաբանությունն ինձ չէր վրդովեցնում, և նրա ձգտումներն ինձ հանդգնություն չէին թվում, որովհետև ես ինչ֊որ բավարարություն էի զգում այն մտքից, որ ինձ սիրում ու պաշտում է նրա պես ազնվազարմ մի կաբալյերո։ Ես չէի զզվում կոմպլիմենտներից, որ կարդում էի նրա նամակներում։ Այդ կողմից, թվում է ինձ, թե կանայք, անգամ ամենաանճոռնիները, միշտ գոհ են մնում, երբ որ նրանց գեղեցկուհի են անվանում։ Սակայն դոն Ֆերնանդոյի դեմ ծառանում էին իմ պատիվը և ծնողներիս թախանձագին խորհուրդները։ Նրանց շատ լավ հայտնի էր նրա կիրքը դեպի ինձ, որովհետև դոն Ֆերնանդոն իրեն հոգնություն չէր պատճառում որևէ մեկի մոտ այդ բանը ծածկելու։ Ուստի ծնողներս հայտարարեցին ինձ, թե քանի որ գործը մեր պատվի և մեր անվան բարի համբավի մասին է, ապա նրանք լիովին վստահում են իմ առաքինությանն ու բանականությանը։ Որ ես չեմ կարող անտես առնել, թե ինչ անհավասարություն կա մեր միջև։ Որ դոն Ֆերնանդոյի ձգտումներն ուղղված են ավելի իր հաճույքին հագուրդ տալու, քան իմ բարօրությանը։ Որ ես պետք է որևէ կերպով նրա անտեղի պահանջների առաջն առնեմ, ապա թե նրանք ինձ մարդու կտան նրան, ով որ ամենից շատ սրտովս լինի, անգամ եթե նա մեր կողմերում կամ ամբողջ շրտանում ամենաազնվազարմ երիտասարդը լինի։ Չէ՞ որ ունենալով մեր հարստությունն ու իմ բարի համբավը դժվար չէր այդ անելը։ Նրանց արդարացի և լրջմիտ հավաստիացումները թև տվին իմ հաստատակամությանը, և ես դոն Ֆերնանդոյին չհաճեցի գեթ մի խոսք ասել, որ նրան անգամ հեռավոր հույս ներշնչեր, թե նա հաջողություն կունենա։
Սակայն իմ զսպվածությունը, որ նրան արհամարհանք էր թվում, առավել ևս հրահրում էր նրա հեշտագին ցանկությունը։ Այո՛, նրա կիրքը դեպի ինձ արժանի է այդ անվան, որովհետև եթե այն այնպես լիներ, ինչպես պիտի սերը լինի, դուք նրա մասին բան չէիք իմանա, որովհետև ես տեղիք չէի ունենա պատմել նրանից։ Վերջապես, դոն Ֆերնանդոն իմացավ, որ իմ ծնողները մտադիր են ինձ մարդու տալու, որպեսզի նրանից ինձ տիրանալու հույսը խլած լինեն, կամ թե, առնվազն, որպեսզի ավելի լավ պահպանած լինեն ինձ, և այդ լուրը կամ կռահումը մղեց նրան անելու այն, ինչ որ հիմա դուք կլսեք։ Մի անգամ, աշնանը, երբ որ ես սպասուհու հետ մենակ էի իմ սենյակում և դուռը ամուր փակված էր երկյուղից, որպեսզի իմ պատիվը անփութության հետևանքով վտանգի չենթարկվի, բոլոր այդ ցանկապատների և նախազգուշացումների միջում փակված միջոցիս, մեկուսացմանս խաղաղ պահին, հանկա՛րծ, ― ես չեմ կարող ոչ ըմբռնել, ոչ երևակայել, թե ինչպես պատահեց, ― ես նրան տեսնում եմ իմ առջև։ Նրա երևան գալը ինձ այնպես շշմեցրեց, որ աչքերս մթնեցին և լեզուս պապանձվեց։ Ես անգամ ճչալ չկարողացա, ասենք՝ նա ինձ այդ անելու միջոց էլ չտվեց, որովհետև անմիջապես հարձակվեց վրաս և, սեղմելով ինձ իր գրկում (ես այնքան շփոթված էի, որ ուժ չունեցա պաշտպանվելու), սկսեց ինձ այնպիսի բաներ ասել, որ, ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչպես սուտը կարող է այդքան ճարտար լինել և ստի հիմնավորումը որքան կարող է նմանվել ճշմարտության։ Համ էլ այդ դավաճանի արցունքը հաստատում էր նրա խոսքը, իսկ ախ ու վախը՝ մտադրությունները։ Իսկ ես՝ ողորմելիս, մեն֊մենակ, նմանօրինակ պարագաներում մերոնց միջև ոչ մի փորձ ստացած չլինելով, հավատ ընծայեցի նրա հավաստիացումներին։ Այնուհանդերձ, ոչ այն չափով, որպեսզի նրա արցունքն ու ախ ու վախը մեջս ցավակցությունից ավելին առաջ բերեին։ Եվ ետ գալով առաջին երկյուղից, ես սիրտ արի և կտրուկ, ― չէի էլ կարծում, որ ընդունակ եմ դրան, ― ասացի․ «Եթե ես քո գրկում չլինեի, այլ ամեհի առյուծի ճիրաններում և եթե իմ փրկության համար ինձ առաջարկեին ասել կամ անել իմ պատվին որևէ հակառակ բան, ես կպատասխանեի, որ այդ նույնքան անհնար է, որքան եղածը չեղած դարձնելը։ Եվ, ինչպես որ դու ես սեղմում իմ մարմինը քո գրկում, այնպես էլ ես եմ կաշկանդել իմ հոգին բարի դիտավորություններով և որքան իմ դիտավորությունները նման չեն քոնին, դու այդ կտեսնես, եթե բռնություն գործադրելով, կամենալու լինես ավելի հեռուն գնալ։ Ես քո հպատակն եմ, սակայն՝ ոչ ստրկուհին։ Քո արյան ազնվությունը չունի և չի կարող ունենալ իշխանություն խայտառակլու իմ ոչ ազնվական արյունը։ Ես, հասարակ գեղջկուհի լինելով, հարգում եմ ձեզ ոչ պակաս, քան դու, սինյոր կաբալյերո, քեզ ես հարգում։ Քո ուժը քեզ չի օգնի, քո հարստությունը չի ազդի։ Քո խոսքերը ինձ չեն խաբի, իսկ քո ախ ու վախն ու արցունքը չեն շարժի իմ սիրտը։ Սակայն եթե իմ հիշատակած հատկություններից մեկն ու մեկը ես տեսնելու լինեմ այն մարդու մեջ, որին իմ ծնողներն ընտրելու լինեն ամուսին ինձ համար, իմ կամքը կենթարկվի նրանց կամքին և նշանախեց անգամ զանց չի առնի։ Եվ եթե իմ պատիվը անարատ մնա, ես առանց խնդության, բայց կամովին, կտամ նրան այն, ինչը, սինյոր, դու ես այդքան համառ ձգտում։ Հասկացիր ապա իմ խոսքը՝ աշխարհիս երեսին ոչ ոք բացի օրինավոր ամուսնուց չի ձեռք բերի իմ շնորհը»։ ― Եթե բանը հենց այդ է, չքնաղ Դորոթեա (այդպես է թշվառականիս անունը) ― պատասխանեց անազնիվ կաբալյերոն, ― ահա քեզ իմ ձեռքը, որպես նշան մեր նշանադրության։ Թող երկինքը վկա լինի ― նրանից թաքուն բան չի մնա ― և Տիրամոր այս պատկերը, որ քո առջև է»։
Երբ որ Կարդենիոն լսեց, որ անծանոթ աղջկա անունը Դորոթեա է, դարձյալ հուզվեց, որովհետև նրա ենթադրությունը վերջնականապես հաստատվեց։ Սակայն նա չկամեցավ ընդհատել պատմությունը, որպեսզի իմանա, թե բանն ինչով է վերջանում, թեև նա արդեն գրեթե գիտեր վերջավորությունը։ Նա միայն հարցրեց․
― Սինյորա, քո անունը Դորոթե՞ա է։ Ես լսել եմ մի աղջկա մասին, որ այդ անունով է կոչվելիս եղել։ Նրա կրած աղետները հավասար են քոնին։ Սակայն շարունակիր, ժամանակը կհասնի, և ես քեզ այնպիսի մի բան կպատմեմ, որ քեզ նույնքան կզարմացնի, որքան որ կվշտացնի։
Կարդենիոյի այս խոսքերը, ինչպես և նրա տարօրինակ և խղճուկ հագուստը գրավեցին Դորոթեայի ուշադրությունը, և աղջիկը խնդրեց նրանից, որ իսկույն ևեթ նա պատմի այն մյուս աղջկանից։ Քանի որ բախտը մի բարիք է շնորհել իրեն ― դժբախտությունը տանելու արիություն, ― ուստի ինքը համոզված է, որ ինչ աղետ էլ իր գլխին գալու լինի ― այլևս չի ավելացնի իր տառապանքը։
― Ես չեմ հապաղի, սինյորա, ասելու քեզ այն, ինչ որ խորհում եմ, եթե իմ ենթադրությունը հաստատվի։ Սակայն ժամանակը դեռ չի հասել, և առայժմ դու կարիք չունես իմանալու այդ բանը։
― Ինչպես կհաճեք, ― պատասխանեց Դորոթեան։ ― Ուրեմն՝ ես շարունակում եմ իմ պատմությունը։ Դոն Ֆերնանդոն վերցրեց սրբապատկերը, որ սենյակում էր և դրեց մեր առջև, որպես թե վկա մեր նշանադրության։ Հանդիսավոր հավաստիացումներով և արտասովոր երդումներով նա ինձ խոսք տվեց, որ կդառնա իմ ամուսինը։ Ես չթողի որ նա ավարտի և սկսեցի աղերսել, որ նա միտք անի իր արածի մասին, մի՞թե նրա հայրը չի վրդովվի, երբ որ իմանա, թե իր որդին ամուսնանում է հպատակ գեղջկուհու հետ։ Թող չշլանա իմ գեղեցկությամբ, որովհետև ինչքան էլ գեղեցիկ լինեմ, այդ նրա վարմունքը չի արդարացնի։ Իսկ եթե նա ինձ իրոք որ սիրում է, ապա թող չխանգարի ինձ կապելու իմ բախտը ինձ հավասար մարդու հետ, որովհետև այդքան անհավասար ամուսնությունները երբեք երջանկություն չեն բերում և ուրախությունը, որով նրանք սկսվում են, երկար չի տևում։ Բոլոր այս փաստարկումները և դեռ շատ ուրիշները, որ հիմա չեմ հիշում, ես բերի, սակայն նրանք չհարկադրեցին, որ նա ետ կանգնի իր դիտավորությունից։ Չէ՞ որ մեկը, որ առևտրական պայման է կապում առանց վճարելու մտադրության, այլևս չի հոգում պայմանների մասին։ Իսկ ես այդ վայրկյանին մեջս խորհեցի․ «Ես հո առաջինը չեմ, որ ամուսնության միջոցով ստոր դասից կանցնեմ բարձր, դոն Ֆերնանդոյից առաջ էլ ազնվազարմ սինյորներ են եղել, որ իրենց սիրեցյալների գեղեցկությունից, կամ, ավելի ճիշտ, իրենց իսկ կույր կրքից մղված՝ անհավասար ամուսնության մեջ են մտել։ Եվ քանի որ ես չէ, որ փոփոխում եմ աշխարհս և նրա սովորույթները, ապա ինչո՞ւ պիտի հրաժարվեմ նման պատվից։ Անգամ եթե իր ցանկությունը բավարարելուց հետո նա ինձ դադարի սիրելուց, մի՞թե Աստծու առջև ես նրա ամուսինը չեմ մնա։ Իսկ եթե ես նրան արհամարհանքով մերժելու լինեմ, ապա նա, թերևս, մոռանալով իր պարտքը, բռնության դիմի, և այն ժամանակ ես կմնամ անարգված և չեմ կարողանա արդարանալ, որովհետև ոչ ոք ինձ չի հավատա, որ անմեղ տեղն եմ այդ դրության մեջ ընկել։ Ինչպես ապացուցեմ ծնողներիս և մյուս մարդկանց, որ նա առանց իմ համաձայնության է ներս մտել իմ ննջարանը։ Բոլոր այս հարց ու պատասխանները վայրկյանապես անցան իմ մտքով։ Սակայն ամենից շատ համոզում ու հակում էին դեպի կորուստ (ես այն պահին այդ դեռ չէի ըմբռնում) դոն Ֆերնանդոյի երդումները, հավաստիացումները և առատ արցունքը։ Սիրուն ու սիրալիր կավալերի անկեղծ սիրո նման արտահայտությունները կարող էին նվաճել ում ասես տակավին ազատ և ամոթխած սիրտը։ Ես կանչեցի սպասուհուս, կամենալով մեր միության երկնային վկաներին ավելացնել մի երկրային վկա ևս։ Եվ դոն Ֆերնանդոն նորից սկսեց կրկնել և հաստատել իր երդումը, կոչել նորանոր սրբեր, երեսը թրջել արցունքով և բազմապատկել իր ախ ու վախը։ Եթե նա երբևիցե դավաճանի ինձ, ― ասում էր նա, ― թող նրան խոցի հազար սարսափելի անեծք։ Նա ավելի ամուր սեղմեց ինձ իր գրկում, որից նա ինձ բաց չէր թողնում մեր հանդիպումի սկզբից ևեթ։ Եվ ահա, երբ որ սպասուհին դուրս եկավ սենյակից, ես կորցրի պատիվս, և նա կատարեց նենգությունն ու դավաճանությունը։
Իմ դժբախտության գիշերին հաջորդող օրը այնքան էլ շուտ չբացվեց, ինչպես, կարծես թե կկամենար դոն Ֆերնանդոն։ Չէ՞ որ տղամարդը, բավարարելով իր մարմնասիրական կիրքը, հենց այն է խորհում, թե ինչպես շուտ դուրս պրծնի այն տեղից, որտեղ նա բավարարություն գտավ։ Ես այդ նրա համար եմ ասում, որ դոն Ֆերնանդոն մեծ փութկոտությամբ անջատվեց ինձնից այն իսկ սպասուհու օգնությամբ, որ նրան ներս էր բերել իմ սենյակը և փողոց դուրս եկավ դեռ լույսը չծագած։ Հրաժեշտ տալով՝ նա ինձ ասաց, ― բայց արդեն ոչ առաջվա ջերմությամբ ու թափով, ― որ ես կասկած չտածեմ նրա հավատարմության նկատմամբ և որ նրա երդումները ամուր ու արդար են։ Եվ, ի հաստատումն իր խոսքերի, նա հանեց իր մատից թանկագին մի մատանի և դրեց իմ մատին։ Ահա նա գնաց, իսկ ես մնացի՝ ո՛չ տխուր, ո՛չ ուրախ։ Ավելի շուտ, ես շփոթված ու մտազբաղ էի, միանգամայն մոլորված այն ամենից, որ պատահեց ինձ։ Ես սիրտ չարի կամ, գուցե, ես պարզապես մոռացա կշտամբել սպասուհուս իր դավաճանության համար։ Չէ՞ որ ես ինքս էլ դեռ չգիտեի՝ լա՞վ էր արել նա, թե՞ վատ, թաքուն իմ սենյակը ներս բերելով դոն Ֆերնանդոյին։ Նրա գնալու միջոցին ես իրեն ասացի, որ նա նույն ճամփով կարող է ամեն գիշեր գալ մոտս, քանի որ հիմա ես պատկանում եմ նրան և որ այդ կտևի այնքան ժամանակ, մինչև որ նա կամենա ամենքին հայտարարել մեր միության մասին։ Հետևյալ գիշերը նա եկավ, բայց դրանից հետո այլևս չերևաց։ Անցավ ամբողջ մի ամիս, իսկ ես նրան չէի տեսել ոչ փողոցում, ոչ եկեղեցում և զուր էի փորձում տեսակցել նրա հետ։ Մինչդեռ ես գիտեի, որ նա ապրում է միևնույն քաղաքում և օրերով որս է անում, ― դա իր սիրած զբաղմունքն է։
Դառն ու տխուր էին, հիշում եմ, այդ օրերն ու ժամերը։ Հոգուս մեջ ներս սողաց մի կասկած, և խախտվեց հավատս դոն Ֆերնանդոյի նկատմամբ։ Այն էլ եմ հիշում, որ այն պահին սպասուհիս լսեց իմ հանդիմանությունն իր հանդգնության համար, որ առաջ չէր լսել։ Եվ ես հարկադրվեցի արցունքիս հաշիվը պահել և դեմքիս ուրախ արտահայտություն տալ, որպեսզի ծնողներս հարցնելու չլինեն, թե ինչն է ինձ վիշտ պատճառում և հարկադրելու չլինեն ինձ հերյուրանքի դիմելու։ Սակայն վրա հասավ օրը, երբ այդ ամենը միանգամից վերջացավ, երբ որ իմ հարգանքը ոտնակոխ եղավ և մոռացության տրվեցին ազնիվ խոհերս, երբ որ համբերությունս հատավ և ամենքի առջև բացվեցին իմ գաղտնի մտքերը։ Այդ նրանից եղավ, որ շուտով մեր կողմերում լուր տարածվեց, որ դոն Ֆերնանդոն հարևան քաղաքում ամուսնացել է ամենաարտասովոր գեղեցկության տեր և շատ ազնիվ տոհմի մի աղջկա հետ, թեև, ճիշտ է, ոչ այնքան էլ հարուստ, որ, իր օժիտին նայած, աղջիկը կարող լիներ այդքան բարձր միություն ակնկալել։ Ասում էին, թե նրա անունը Լյուսինդա է և որ նրա նշանադրությունը դոն Ֆերնանդոյի հետ առանց զարմանալի անցք ու դեպքերի չի գլուխ եկել։
Լյուսինդայի անունը լսելով, Կարդենիոն դողաց, շրթունքը կծեց, հոնքերը կիտեց և նրա աչքերից թափվեցին հորդ արցունքներ։ Իսկ Դորոթեան, այնուհանդերձ, շարունակեց իր պատմությունը։
Այդ տխուր լուրը հասավ իմ ականջին, և իմ սիրտը սառույց չկտրեց, ընդհակառակը՝ այնպիսի կատաղությամբ ու ցասումով վառվեց, որ քիչ էր մնացել ես դուրս վազեմ փողոց, գոռամ֊գոչեմ դավադրության ու դավաճանության մասին, որոնց զոհն էի դառել ես։ Սակայն ես առժամանակ զսպեցի վրդովմունքս և վճռեցի նույն գիշերը անել այն, ինչ որ արեցի էլ։ Հագա այս շորերը, որ ինձ տվեց հորս կալվածում աշխատող հովիվը։ Ես պատմեցի նրան իմ դժբախտության մասին և խնդրեցի ինձ ուղեկցել մինչև այն քաղաքը, ուր ապրում էր իմ թշնամին։ Նա կշտամբեց ինձ իմ անխոհեմության համար և հավանություն չտվեց իմ վճռին, սակայն տեսնելով, որ ես համառում եմ, առաջարկեց ուղեկցել ինձ, ինչպես ինքն էր ասում, թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Ես անմիջապես մի կտավե շորի մեջ փաթաթեցի հագուստներիցս մեկը, պատեհ առիթի համար վերցրի մի քիչ փող ու թանկարժեք իրեր և նույն գիշերը թաքուն, առանց զգուշացնելու իմ մատնիչ֊սպասուհուն, թողեցի տունը և հովվի ուղեկցությամբ ու անհանգիստ մտքերով մեկնեցի ոտով քաղաք։ Ես մտադիր չէի խանգարել արդեն եղածը, ո՛չ, ես ցանկություն ունեի հարցնել դոն Ֆերնանդոյին՝ ինչպե՞ս նա կարողացավ անել այն, ինչ արել էր։
Երկուս ու կես օրից ես հասա քաղաքը և մտա թե չէ, հարցրի՝ որտե՞ղ է Լյուսինդայի ծնողների տունը։ Առաջին իսկ մարդը, որին դիմեցի, հաղորդեց ինձ ավելին, քան թե ես կկամենայի լսել։ Նա մատնանիշ արեց Լյուսինդայի տունը և պատմեց, թե ինչ է պատահել նշանադրության միջոցին (որովհետև այդ դեպքի լուրը այնպես էր տարածվել, որ ողջ քաղաքում նրա մասին ասեկոսներ էին պտտում)։ Ահա թե ինչ էր պատահել։ Այն երեկոյան, երբ դոն Ֆերնանդոն նշանվեց Լյուսինդայի հետ և նրա հարցին, ուզում է արդյոք Լյուսինդան իր կինը լինել, Լյուսինդան պատասխանեց «այո՛», աղջիկը հանկարծ ուշագնաց եղավ, և երբ որ փեսացուն նրա շնչառությունը դյուրացնելու համար արձակեց կրծքի կոճակները, գտավ մի տոմս, որ գրված էր հարսնացուի սեփական ձեռքով։ Նրա մեջ ասված էր, թե Լյուսինդան չի կարող դոն Ֆերնանդոյի կինը դառնալ, որովհետև արդեն նշանված է Կարդենիոյի հետ (պատմողի ասելով Կարդենիոն շատ ազնվական կաբակյերո է եղել, նույն քաղաքից) և որ ինքը պատասխանել է «այո՛» միմիայն այն պատճառով, որ չի հանդգնել չանսալ իր ծնողներին։ Վերջ ի վերջո, նրա ասելով, տոմսից պարզ էր, որ Լյուսինդան մտադիր է եղել նշանադրությունից հետո ինքնասպան լինել և բացատրում էր, թե ինչու է վճռել լքելու կյանքը։ Դաշույնը, ինչպես ասում են, որ գտնվել է նրա զգեստում, հաստատել է նրա դիտավորությունը։ Այդ ամենը տեսնելով, դոն Ֆերնանդոն որոշում է, որ Լյուսինդան ծաղրել է իրեն, խայտառակել և ստորացրել և, նախքան աղջիկը կսթափվեր, հարձակվում է հարսնացուի դաշույնը ձեռքին՝ կամենալով նրան սպանել ― մի բան, որ նա կաներ էլ, եթե ծնողներն ու ներկա գտնվողները չխանգարեին։ Ապա ինձ պատմեցին, թե դոն Ֆերնանդոն իսկույն հեռացավ քաղաքից, իսկ Լյուսինդան միայն հետևյալ օրը ուշքի եկավ և խոստովանեց ծնողներին, որ, իրոք, այդ Կարդենիոյի կինն է։ Ես նույնպես իմացա, որ Կարդենիոն ներկա է եղել ծիսակատարության և տեսնելով, որ Լյուսինդան նշանվել է ուրիշի հետ ― իսկ այդ նրան թվում էր հրեշավոր բան, ― հուսահատ փախավ քաղաքից, գրելով աղջկան նամակ, որով կշտամբում էր իրեն հասցրած վիրավորանքի համար և հայտարարում, թե ընդմիշտ հեռանում է մարդկանց աչքերից։ Այդ ամենը հայտնի էր ողջ քաղաքին։ Ամենքը միայն դրանից էին խոսում, բայց ավելի շատ սկսեցին խոսել, երբ որ բացվեց, թե Լյուսինդան անհայտացել է ծնողական տնից և թե ոչ մի տեղ նրան գտնել չեն կարողանում։ Նրա ծնողները բոլորովին կորցրել են իրենց գլուխը և չգիտեն, թե ինչպես գտնեն նրան։
Բոլոր այս լուրերը ինձ հույս ներշնչեցին։ Ճիշտ է, ես դոն Ֆերնանդոյին չգտա, սակայն այսպես ավելի լավ էր, քան եթե ես նրան գտնեի ամուսնացած։ Քանի որ նա ամուսնացած չէր, խորհում էի ես, իմ փրկության դուռը դեռևս փակ չէ։ Ես ասում էի ինքս ինձ՝ ինքը երկինքը խանգարել է նրա երկրորդ ամուսնությունը նրա համար, որպեսզի նա զգա իր պարտավորությունները առաջինի նկատմամբ և մտաբերի վերջապես, որ ինքը քրիստոնյա է, և որ հոգու փրկությունը բոլոր մարդկային հաշիվներից վեր է։ Այդ ամենը ես միտք էի անում, միտք և, անմխիթարս, մխիթարվում՝ հնարելով հեռավոր, սակայն թույլ հույս, միայն թե կարողանայի պահպանել ատելի կյանքս։ Ես չէի գտնում դոն Ֆերնանդոյին և ապրում էի քաղաքում, առանց իմանալու, թե ինչ ձեռնարկեմ։ Մեկ էլ հանկարծ լսեցի հրապարակային մունետիկի ձայնը, որ պարգև էր հայտարարում նրան, ով որ ինձ գտնի և հաղորդում էր իմ նշանները ― հասակս և հանդերձս։ Լուր էր պտտում, թե ինձ փախցրել է ծառան, որ հետո հեռացել էր տնից։ Վերջին լուրը առանձնապես զարմացրեց ինձ, որովհետև ես տեսա, թե իմ բարի անունը կործանվեց և որ իմ փախուստի խայտառակությունը կապում են ստոր և իմ սիրուն անարժան մի մարդու հետ։ Հենց որ ես լսեցի մունետիկին, ես ծառայիս հետ հեռացա քաղաքից և այդ միջոցին սկսեցի նկատել, որ նրա մեջ տատանվում են հավատարմությունն ու անձնվիրությունը, որոնց մեջ նա երդվում էր ինձ։ Գիշերով մենք հասանք այս լեռների խորքերը, զգուշանալով, որ մեզ վրա չհասնեն։ Սակայն ինչպես ասում են, մեկ դժբախտությունը կանչում է մյուսին և մեկ աղետի վերջավորությունը մյուսի՝ դառնագույնի սկիզբն է։ Այդպես էլ ինձ հետ եղավ։ Իմ մինչ այդ հավատարիմ և վստահելի ծառան, մղված ոչ այնքան իմ գեղեցկությունից, որքան իր սեփական ստորությունից, կամեցավ օգտվել առիթից, որ նրան տալիս էր այս վայրերի ամայությունը։ Հենց որ մենք այս լեռներում մնացինք երկուսով՝ մոռանալով ամոթը, Աստծու ահը, հարգանքը դեպի ինձ, նա սկսեց ձգտել իմ սիրուն։ Եվ, երբ որ ես կտրուկ ու արդարացի խոսքերով պատասխանեցի նրա անամոթ առաջարկներին, նա թողեց աղերսանքը, որով սկզբում հույս ուներ շարժել իմ սիրտը և դիմեց բռնության։ Սակայն արդար երկինքը, որ գրեթե միշտ բարեհայաց է նայում բարի դիտավորությունների վրա, ինձ օգնեց։ Իմ թույլ ձեռներով ես առանց դժվարության ցած գլորեցի նրան անդունդը և չգիտեմ կենդանի մնաց նա, թե՞ ջարդվեց։ Ապա թե աշխուժորեն, չնայած երկյուղիս ու հոգնածությանս, գնացի լեռներն ի վեր մի հատիկ մտքով և մեկ բաղձանքով՝ թաքնվել հորիցս և ետևիցս ընկած մարդկանցից։
Չգիտեմ՝ քանի ամիս արդյոք անց կացրի ես լեռներում։ Այստեղ ես հանդիպեցի մի հովվի, որ ապրում էր ամենաամայի կիրճերից մեկում։ Նա ինձ իր մոտ առավ աշխատանքի և ամբողջ այս ժամանակը ես ծառայեցի որպես հովվի օգնական, աշխատելով ամբողջ ցերեկը բաց երկնքի տակ անց կացնել, որպեսզի կարողանամ ծածկել մազերս, որ հիմա այնպես անսպասելի մատնեցին ինձ։ Սակայն բոլոր իմ աշխատանքն ու ուժերիս լարումը ապարդյուն անցան, որովհետև տերս վերջապես իմացավ, որ ես տղամարդ չեմ և նրա սրտում ծագեցին նույն վատ մտքերը, ինչ որ իմ ծառայի մեջ։ Այնինչ բախտը միշտ էլ ցավի հետ դարման չի ուղարկում, և այս անգամ ես չկարողացա նրան նետել անդունդը, ինչպես արի իմ ծառային, որ նա, չափելով նրա խորությունը, մեղմացներ իր կրքի կրակը։ Ուստի ես նախընտրեցի փախչել և նորից թաքնվել այս ժայռերի մեջ՝ առանց փորձելու խոսքերով կամ ուժով պաշտպանվելու։ Եվ ահա այդ պահից ես թափառում եմ լեռներում և որոնում մի տեղ, որտեղ կարողանայի անարգել գանգատվել երկնքին իմ դառը բախտից և նրանից հնար ու միջոց խնդրել կա՛մ թեթևացնելու վիճակս, կա՛մ թե միանգամայն հրաժեշտ տալ կյանքիս այս անապատում, այնպես որ անգամ հիշատակը չմնա թշվառիս մասին, որ անմեղ տեղը արժանացել է, որպեսզի վրան խոսեն ու փսփսան իր հայրենի հողում և օտար երկրներում։
Գլուխ XXIX
Որ զրուցում է սրամիտ խորամանկության և եղանակի մասին, որոնց միջոցով մեր սիրահարված կաբալյերոն ազատվեց ինքն իր վրա դրած խիստ ապաշխարանքից
Ահա, սինյորներ, իմ ողբերգության ճշմարտապատում պատմությունը։ Վճռեցեք և դատեցեք ինքներդ՝ ունե՞մ բավականաչափ պատճառներ, որպեսզի իմ ախ ու վախը, որ դուք լսեցիք, խոսքերս, որոնց անսացիք և արցունքս, որ թափվում էին իմ աչքերից, ― ավելի ևս առատ լինեն։ Եվ, խորհելով իմ ցավի բնույթի մասին, դուք կտեսնեք, որ այստեղ ապարդյուն են խորհուրդները, որովհետև բուժումն անհնար է։ Մեկ բան եմ խնդրում ձեզնից (և դուք հեշտությամբ կարող եք և պետք է որ կատարեք), ― խորհուրդ տվեք, թե ո՞ւր հեռանամ, որ ինձ չհետապնդեն ահ ու սարսափը, թե ինձ վրա կհասնեն նրանք, ովքեր ինձ որոնում են։ Որովհետև թեև ես գիտեմ, որ ծնողներս այնքան են սիրում ինձ, որ ես կարող եմ չկասկածել, որ նրանք ինձ ուրախությամբ կընդունեն, սակայն ամոթ է պատում ինձ այն մտքից, որ ես նրանց առջև կհանդիսանամ ոչ այն, ինչ որ նրանք կկամենային, և ես գերադասում եմ ընդմիշտ ծածկվել նրանցից։ Ես ուժ չեմ ունենալու կարդալու նրանց աչքերում, թե նրանք համարում են, որ ես կորցրել եմ պատիվս, որ ես խոստացել եմ պահպանել։
Այդ ասելուց հետո նա լռեց։ Նրա այտերը շիկնեցին, մի բան, որ պարզապես վկայում էր, թե նրա հոգին դյուրազգաց ու ամոթխած էր։ Իսկ ունկնդիրներն իրենց հոգում զգացին և՛ վիշտ, և՛ զարմանք նրա դժբախտ վիճակի հանդեպ։ Քահանան կամեցավ նրան մխիթարել և հանգստացնել, բայց Կարդենիոն առաջինը խոսեց և ասաց․
― Ուրեմն, սինյորա, դուք չքնաղ Դորոթե՞ան եք, հարուստ Կլենարդոյի միակ դուստրը։
Դորոթեան զարմացավ, լսելով իր հոր անունը և տեսնելով այն արտասանողի խղճուկ հագուստը (մենք արդեն ասել էինք, որ Կարդենիոն շատ աղքատիկ հանդերձ ուներ) հարցրեց․
― Իսկ ո՞վ եք դուք, եղբայր, և որտեղի՞ց գիտեք իմ հոր անունը։ Եթե ես չեմ սխալվում, ամբողջ իմ պատմության ընթացքում ես այդ անունը չտվի։
― Ես այն դժբախտն եմ, ― պատասխանեց Կարդենիոն, ― որին, ինչպես դուք ասացիք, Լյուսինդան իր ամուսինը կոչեց։ Ես չարաղետ Կարդենիոն եմ։ Ձեզ վիրավորողի ոճրագործությունը ինձ էլ այս օրը գցեց, ինչպես հիմա տեսնում եք՝ պատառոտած հագուստով, գրեթե մերկ, զուրկ մարդկային ցավակցությունից և, որ ամենավատթարն է, զուրկ բանականությունից, ― ավա՜ղ, բացի այն հազվադեպ վայրկյաններից, երբ երկինքը վերադարձնում է ինձ բանականությունս։ Այո՛, Դորոթեա, ես ներկա էի Ֆերնանդոյի երդմնազանցությանը, ես լսեցի, թե ինչպես Լյուսինդան պատասխանեց «այո», խոստացավ նրա կինը դառնալ։ Սակայն իմ ուժը չպատեց մնալու, որ տեսնեմ, թե ինչով է վերջանալու նրա ուշագնացությունը և իմանալու, թե նրա կրծքին գտնված տոմսը ինչ բովանդակություն ունի։ Հոգիս չկարողացավ տանել բախտի այդքան հարվածները, համբերությունս լքեց ինձ, և ես թողի նրա տունը և, հանձնարարելով իմ տիրոջը հանձնել Լյուսինդային իմ նամակը, հեռացա այս խուլ վայրը, որտեղ մտադիր էի վերջ տալու կյանքիս, որ ես այն պահից ի վեր ատեցի որպես ոխերիմ թշնամուս։ Սակայն բախտս չհաճեց խլել նրան և խլեց միայն բանականությունս ― թերևս նրա համար, որ պահպանի ինձ այս երջանիկ հանդիպումի համար ձեզ հետ։ Եթե ձեր խոսքերը ճշմարիտ են, ― իսկ ես հաստատ հավատում եմ, որ այդպես է, ― ապա միգուցե բախտը ավելի լավ վերջավորություն է պատրաստում մեր փորձություններին, քան մենք ենք ենթադրում։ Չէ՞ որ եթե Լյուսինդան, ինչպես ամենքի առջև հայտարարեց, չի կարող մարդու գնալ դոն Ֆերնանդոյին, որովհետև պատկանում է ինձ, իսկ դոն Ֆերնանդոն չի կարող ամուսնանալ Լյուսինդայի հետ, որովհետև նա կապված է ձեզ հետ, ապա չե՞նք կարող մենք արդյոք հուսալ, թե երկինքը մեզ կվերադարձնի այն, ինչ որ մերն է, ― որովհետև մեզ պատկանը դեռևս մերն է և ոչ ոք մեզնից չի խլել և չի զրկել մեզ։ Եվ քանի որ մենք այդպիսի մխիթարություն ունենք, որ հեռավոր հույսի ծնունդ չէ և անմիտ ցնորքների վրա չէ հիմնված, ապա խնդրում եմ, սինյորա, ձեր ազնիվ մտքում ուրիշ վճիռ ընդունեցեք և լավագույն բախտ հուսացեք։ Ես էլ նույնը կանեմ։ Ես ձեզ ազնվականի և քրիստոնյայի խոսք եմ տալիս, որ չեմ լքի ձեզ, մինչև որ դուք դոն Ֆերնանդոյի գրկում չլինեք։ Իսկ եթե ինձ չհաջողվի հորդորներով համոզել նրան կատարելու իր պարտականությունը, ես կօգտագործեմ իմ ազնվական կոչումս և ամենայն իրավամբ կկանչեմ ձեզ վիրավորողին մարտի, արժամապես իր վիրավորանքը մոռացած (որոնց համար թող նրան երկինքը պատժի), այստեղ՝ երկրի վրա, վրեժ լուծեմ ձեզ հասցրած վիրավորանքի համար։
Որքան ավելի էր խոսում Կարդենիոն, այնքան ավելի էր զարմանում Դորոթեան։ Չիմանալով՝ ինչպես շնորհակալ լինի նրա այնքան մեծահոգի առաջարկների համար, նա ընկավ նրա ոտքերը՝ կամենալով գրկել։ Սակայն Կարդենիոն թույլ չտվեց, իսկ լիցենցիատը պատասխանեց երկուսի փոխարեն։ Հավանություն տալով Կարդենիոյի գեղեցիկ ճառին՝ նա սկսեց թախանձել, համոզել նրանց՝ իրեն հետ միասին իր գյուղը երթալու։ Այնտեղ նրանք ամեն կարևոր ինչ կվերցնեն և ապա կորոշեն, թե ինչպես գտնեն դոն Ֆերնանդոյին, ինչպես վերադարձնեն Դորոթեային իր ծնողներին և ընդհանրապես բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռք կառնեն։ Կարդենիոն և Դորոթեան շնորհակալ եղան և ընդունեցին իրենց առաջարկված ծառայությունը։ Դալլաքը, որ կենտրոնացած լուռ էր ամբողջ այս տեսարանի ընթացքում, վերջապես նույնպես խոսեց և նույն պատրաստակամությամբ, ինչպես և քահանան, առաջարկեց ամեն տեսակ օգնություն իր կողմից։ Դրա հետ միասին նա պատմեց, թե ինչն է իրեն այս վայրերը բերողը, հաղորդեց դոն Կիխոտի արտասովոր խելագարության մասին և որ իրենք սպասում են նրա զինակրի գալստյան, որ գնացել է իր տիրոջը որոնելու։ Այստեղ Կարդենիոն երազի պես մտաբերեց իր կռիվը դոն Կիխոտի հետ և պատմեց ներկա եղողներին։ Նա միայն չկարողացավ կռվի պատճառը բացատրել։ Այդ վայրկյանին նրանք առան Սանչո Պանսայի ձայնը, որը, չգտնելով նրանց այնտեղ, որտեղ թողել էր, բարձրաձայն աղաղակում էր։ Նրանք գնացին նրան ընդառաջ և նրանց հարցին դոն Կիխոտի մասին Սանչո Պանսան պատասխանեց, թե գտել է նրան մերկ, մեկ շապիկ հագին, թույլ, դեղնած, սովամահ վիճակում իր տիրուհի Դուլսինեայից հառաչելիս։ Երբ որ Սանչոն նրան հայտնեց, թե իրեն Դուլսինեան է ուղարկել հրամանով, որ թողնի այդ վայրերը և գնա Տոբոսո, որտեղ ինքը սպասում է, դոն Կիխոտը պատասխանեց, թե վճռել է նրա չքնաղագեղ աչքերին չերևալ նախքան կատարած չի լինի սխրագործություններ, որ արժանի լինեն ողորմածության։ Եթե այդպես շարունակվի, ― ավելացրեց Սանչո Պանսան, ― ապա դոն Կիխոտին վտանգ է սպառնում ոչ միայն կայսր չդառնալ, մի բան, որ նա մտադիր է դառնալ, այլ անգամ, վատթարագույն դեպքում արքեպիսկոպոս։ Ուստի չափազանց անհրաժեշտ է որևէ միջոց գտնել նրան այնտեղից հանելու։
Լիցենցիատը դրան պատասխանեց, թե նա կարող է անհոգ լինել, թե իրենք նրան այնտեղից դուրս կբերեն, անգամ հակառակ նրա կամքին։ Եվ նա իսկույն պատմեց Կարդենիոյին և Դորոթեային, թե իրենք ինչ են հնարել դոն Կիխոտին դուրս բերելու նպատակով կամ, առնվազն, տուն վերադարձնելու համար։ Ապա թե Դորոթեան հայտարարեց, որ ինքը դալլաքից առավել լավ կարող է ներկայացնել վիրավորված աղջիկ, և դա ավելի ճշմարտանման դուրս կգա, որովհետև ինքը կնոջ հանդեձ ունի։ Թող որ միայն իրեն այդ դերը հանձնեն, ինքն արդեն կարող կլինի խաղալ, որովհետև շատ ասպետական վեպեր է կարդացել և գիտե, թե ինչ լեզվով են խոսում զրկված աղջիկները՝ խնդրելով թափառական ասպետների պաշտպանությունը։
― Որ այդպես է, ― ասաց քահանան, ― այլևս մնում է գործի անցնել։ Բախտը պարզապես նպաստում է մեզ, որովհետև ձեզ երկուսիդ համար բաց անելով փրկության դուռը, միաժամանակ օգնություն է հասցնում նաև մեր կարիքին։
Դորոթեան իսկույն կապոցից հանեց նուրբ ու թանկագին կտորից կարած զգեստ և վերնարկ՝ գեղեցիկ կանաչագույն կերպասից, իսկ տուփից՝ մանյակ և այլ թանկագին իրեր և վայրկենապես զուգվեց՝ որպես հարուստ և ազնվազարմ տիկին։ Այդ իրեղենները և մի քանի այլ բաներ նա վերցրած է եղել հետը տնից համենայն դեպս, սակայն մինչ այդ առիթ չէր ներկայացել։ Բոլորին չափազանց դուր եկավ նրա նրբությունն ու հրապույրը, և բոլորը հայտարարեցին, որ դոն Ֆերնանդոն վատ ճաշակի տեր մարդ է, քանի որ կարողացել է լքել նման գեղեցկություն։ Առանձնապես հիացած էր նրանով Սանչո Պանսան, որովհետև նա իր օրում դեռ չէր տեսել այդպիսի չքնաղ արարած։ Ուստի մեծ ավյունով ու հետաքրքրությամբ սկսեց քահանայից հարց ու փորձ անել, թե ով է այդ չքնաղ տիկինը և ինչ է որոնում նա այս խուլ վայրերում։
― Այս չքնաղ տիկինը, Սանչո, եղբայր, ― պատասխաանեց քահանան, ― ոչ այլ ոք է, քան եթե իշխանուհի֊ժառանգը Միկոմիկոն մեծ թագավորության, հոր կողմից ուղիղ գծով, իսկ ձեր տիրոջն է որոնում, որպեսզի նրա ողորմածությունը խնդրած լինի։ Նա պետք է խնդրի պաշտպանել իրեն չար հսկայից, որը իրեն վնաս ու վիրավորանք է հասցրել։ Նրան հասել է բարի ասպետի համբավը, ձեր տիրոջ համբավը և նա Գվինեայից եկել է, որ նրան տեսնի։
― Երջանիկ որոնում ու երջանիկ գյուտ, ― ասաց դրան Սանչո Պանսան, ― իսկ ավելի լավ դուրս կգա, եթե իմ տիրոջը հաջողվի վիրավորանքի վրեժը լուծել և արմատախիլ անել չարիքը, սպանելով զազիր հսկային, որի մասին ասաց ձերդ ողորմածությունը։ Իմ տերն անշուշտ, նրան կսպանի, հենց որ հանդիպի նրան, եթե, ասենք, դա ուրվական չէ, որովհետև ուրվականների վրա նա ոչ մի իշխանություն չունի։ Սակայն մեկ բան եմ ուզում խնդրել ձերդ ողորմածությունից, սինյոր լիցենցիատ՝ ես շատ եմ վախենում, որ իմ տիրոջ խելքին փչի արքեպիսկոպոս դառնալ, ուստի, ձերդ ողորմածություն, խորհուրդ տվեք նրան, որ իսկույն ևեթ ամուսնանա այս իշխանուհու հետ։ Այն ժամանակ ոչ ոք այլևս չի կարողանա նրան արքեպիսկոպոս ձեռնադրել և նա դյուրությամբ իր համար թագավորություն կնվաճի, իսկ այն ժամանակ բոլոր իմ ցանկությունները կկատարվեն։ Ես ամեն ինչ արդեն խորհել եմ և վճռել, որ ինձ համար շատ անհարմար կլինի, եթե իմ տերը արքեպիսկոպոս դառնա, որովհետև եկեղեցու համար ես անօգուտ մարդ եմ։ Չէ՞ որ ես ամուսնացած եմ, ունեմ կին ու երեխաներ և եթե ես հիմա խնդիր հարուցանեի ամուսնությանս լուծման համար, որպեսզի որևէ եկեղեցական սինեկուրա ստանամ, գործը անվերջ կձգձգվի։ Կնշանակի, սինյոր, կարևորն այն է, որ իմ տերը շուտով ամուսնանա այս սինյորայի հետ, ― ես դեռ նրա ողորմածության անունը չգիտեմ, ուստի և իր անունը չեմ տալիս։
― Նրա անունը, ― պատասխանեց քահանան, ― իշխանուհի Միկոմիկոնա է, որովհետև քանի որ նրա թագավորությունը Միկոմիկոն է կոչվում, ապա պարզ է, որ ինքն էլ այդպես պիտի կոչվի։
― Անտարակույս, ― ասաց Սանչոն։ ― Ես շատերին եմ պատահել, որ իրենց անուն֊ազգանունը իրենց ծննդավայրի անունն են դրել, օրինակ՝ Պեդրո դե Ալկալա՛, Խուան դե Ո՛ւբեդա, Դիեգո դե Վալյադոլի՛դ և երևի, այնտեղ՝ Գվինեայում էլ այդպիսի սովորույթ կա՝ թագուհիները կոչվում են իրենց թագավորության անունով։
― Անշուշտ այդպես է, ― ասաց քահանան։ ― Գալով ձեր տիրոջ ամուսնության, ես ձեռիցս եկածը կանեմ։
Սանչոն նույնչափ բավարարված էր, որչափ քահանան հիացած էր նրա պարզամտությունից՝ տեսնելով, որ նրա երևակայությունն էլ է լիքը նույնպիսի ցնդաբանություններով, ինչպես և իր տիրոջինը, որ, անտարակույս, հաստատ հավատացած էր, թե կայսր է դառնալու։
Մինչ այս, մինչ այն, Դորոթեան նստեց քահանայի ջորու վրա, դալլաքը կպցրեց ծնոտին եզան պոչից շինած մորուքը և նրանք խնդրեցին Սանչոյից, որ իրենց ճանապարհ գցի այնտեղ, որտեղ գտնվում է դոն Կիխոտը, պատվիրելով, որ չասի տիրոջը, թե ճանաչում է լիցենցիատին ու դալլաքին։ Իբրև թե, այդ դեպքում միայն նրա տերը կարող է կայսր դառնալ։ Քահանան ու Կարդենիոն որոշեցին չմիանալ նրանց, Կարդենիոն զգուշանալով, թե միգուցե դոն Կիխոտը մտաբերի իրենց միջև եղած կռիվը, իսկ քահանան, որովհետև առայժմ ավելորդ էր համարում։ Քահանան ու Կարդենիոն նրանց ճանապարհ դրին, իսկ իրենք էլ նրանց ետևից, որոշ հեռավորության վրա, հետևեցին ոտով։ Քահանան շարունակում էր խրատել Դորոթեային, թե ինչ պիտի անի, սակայն Դորոթեան խնդրեց, որ նա անհանգիստ չլինի, խոստանալով ճիշտ այնպես վարվել, ինչպես պահանջում ու նկարագրում են ասպետական վեպերը։ Հազիվ երեք քառորդ մղոն անցած լինեին նրանք, որ ժայռերի լաբիրինթոսում տեսան մեր ասպետին, արդեն շորերը հագին, բայց դեռևս չսպառազինված։ Հենց որ Դորոթեան նկատեց նրան և Սանչոյից տեղեկացավ, որ հենց դոն Կիխոտն է, որ կա, ճիպոտով խփեց իր ջորուն։ Միրուքավոր դալլաքը նրանից ետ չէր մնում։ Երբ որ նրանք հասան դոն Կիխոտին, զինակիրը վայր թռավ ջորուց և մոտեցավ Դորոթեային, որ նրան ձեռքերով բռնի, բայց նա ինքը ճարպկորեն վայր թռավ ջորուց և իսկույն ծունկ չոքեց դոն Կիխոտի առջև։ Թեև ասպետը փորձում էր նրան բարձրացնել, բայց նա առանց վեր կենալու, սկսեց խոսել այսպես․
― Ես վեր չեմ կենա, ո՜ քաջ ու հզոր ասպետ, մինչև որ ձեր բարությունն ու սիրալիրությունը չերջանկացնեն ինձ շնորհով, որ ձեր անձին փառք ու պատիվ կբերի, իսկ ինձ, աշխարհիս ամենաանմխիթար և անարգված կույսիս՝ մեծ օգուտ։ Եվ եթե ձեր հզոր բազկի առաքինությունը համապատասխանում է ձեր անմահ փառքի ձայնին, ապա դուք պարտավոր եք օգնելու զրկվածիս, որ հեռավոր երկրներից եկել եմ, մղված ձեր հռչակավոր անվան փայլից, խնդրելու ձեզնից իմ ցավերիս բուժում։
― Ոչ մի խոսքով չեմ պատասխանի ձեզ, չքնաղ սինյորա, ― ասաց դոն Կիխոտը, ― և չեմ էլ լսի ձեր դժբախտությունների մասին, մինչև որ դուք վեր չկենաք։
― Եվ վեր չեմ կենա, սինյոր, ― պատասխանեց վշտացած աղջիկը, ― եթե ձեր վեհանձնությունը չխոստանա ինձ խնդրածս շնորհել։
― Տալիս եմ և խոստանում, ― ասաց դոն Կիխոտը, ― եթե միայն այդ վնաս տալու չլինի իմ թագավորին, ոչ էլ իմ հայրենիքին և ոչ նրան, ով որ իմ սրտի բանալիքի և ազատությանս տերն է։
― Այդ նրանց վնաս չի տա, ― պատասխանեց դժբախտ աղջիկը։
Այդ միջոցին մոտեցավ Սանչո Պանսան և դոն Կիխոտի ականջին շշնջաց․
― Ձերդ ողորմածությունը լիովին կարող է խոստանալ այդ շնորհը, որովհետև դա մի չնչին բան է, պետք է ինչ որ հսկա սպանել։ Իսկ այդ խնդրող աղջիկը ազնիվ իշխանուհի Միկոմիկոնան է՝ Եթովպիայի և Միկոմիկոնի մեծ թագավորության թագուհին։
― Ով էլ որ լինում է՝ լինի, ― ասաց դոն Կիխոտը, ― ես կանեմ այն, ինչ որ հրամայում է իմ պարտականությունը և թելադրում իմ խիղճը՝ համաձայն իմ ասպետական ուխտի օրենքներին։
Եվ, դառնալով աղջկան, ավելացրեց․
― Վե՛ր կացեք, չքնաղ սինյորա, ես խոստանում եմ շնորհը, որ դուք ինձնից բարեհաճում եք խնդրել։
― Ես խնդրում եմ ձեզնից, մեծահոգի ասպետ, ― ասաց աղջիկը, ― որ ձերդ ողորմածությունը իսկույն ևեթ ուղևորվի ինձ հետ այնտեղ, որտեղ ես ձեզ կտանեմ և որ դուք ինձ խոստանաք ոչ մի ձեռնարկ ու արկած չընձեռնեք, մինչև որ չլուծեք վրեժը դավաճանից, որ զավթել է իմ թագավորությունը՝ հակառակ աստվածային և մարդկային բոլոր օրենքներին։
― Կրկնում եմ, որ խոստանում եմ ձեզ այդ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի, սինյորա, դուք հիմիկվանից կարող եք ձեզ ճնշող թախիծը թոթափել և վերադարձնել ուժ ու ամրություն ձեր թուլացած հույսերին։ Որովհետև Աստծո օգնությամբ և իմ սրի միջոցով դուք շուտով կտեսնեք ձեզ ձեր թագավորության մեջ, ձեր հին ու մեծ պետության գահի վրա, դավաճանների ջիգրու և ի ցավ նրանց, որ խիզախել են վեճի առարկա դարձնել։ Ուրեմն շուտով ի գործ, որովհետև, ինչպես ասում են, հապաղումը վտանգ է բերում։
Վիրավորված աղջիկը համառորեն փորձում էր համբուրել դոն Կիխոտի ձեռքը, սակայն վերջինս, ամեն կողմից քաղաքավարի և պարկեշտ կավալեր լինելով, թույլ չտվեց այդ։ Ընդհակառակը, նա բարձրացրեց աղջկան և մեծ քաղաքավարությամբ ու պարկեշտությամբ գրկեց նրան, ապա հրամայեց, որ Սանչոն ամրացնի Ռոսինանտի փորկապները և անհապաղ բերի իր բոլոր զենք ու զրահը։ Սանչոն վերցրեց ծառի վրա ավարի պես կախ արած զրահները և, ձիու փորկապներն ամրացնելով, վայրկենապես սպառազինեց իր տիրոջը։ Վերջինս զինվելուց հետո ասաց․
― Դե գնանք, հանուն Աստծո, այս բարձր սինյորային ի պաշտպանություն։
Դալլաքը դեռ մնացել էր չոքած, ամեն կերպ աշխատելով զսպել ծիծաղը և ձեռքով պահելով միրուքը, ― որովհետև եթե միրուքը վայր ընկնելու լիներ, հնարավոր է, որ նրանց բոլոր ծրագիրները խորտակվեին։ Իսկ երբ որ նա տեսավ, որ խնդրված շնորհը խոստացված է և դոն Կիխոտը տաք֊տաք շտապում է գործի անցնել, նա վեր կացավ և բռնելով իր տիրուհու մյուս ձեռքից, դոն Կիխոտի հետ միասին օգնեց, որ նստի ջորու վրա։ Ապա մեր ասպետը թռավ Ռոսինանտի վրա, իսկ դալլաքը հեծավ իր ջորին։ Մենակ Սանչոն մնաց առանց գրաստի և դարձյալ մտաբերեց իր գորշ էշի կորուստը, որ հիմա այնքան պակասում էր։ Սակայն նա հեշտությամբ հաշտվեց, որովհետև նրան թվում էր, որ իր տերը լավ ճանապարհի վրա էր և ուր որ է կայսր է դառնալու։ Նա բնավ չէր կասկածում, որ դոն Կիխոտը կամուսնանա իշխանուհու հետ և կդառնա առնվազն Միկոմիկոնի թագավորը։ Նրան միայն այն էր ցավ պատճառում, որ այդ թագավորությունը նեգրերի աշխարհում է գտնվում և որ իր տիրոջ բոլոր ապագա հպատակները սևամորթ են լինելու։ Ասենք, այստեղ էլ նրա երևակայությունը ելք հուշեց։ «Ի՞նչ վատ բան կլինի որ, ― դատում էր նա ինքն իրեն, ― իմ հպատակները նեգրեր լինեն։ Կասես թե դժվար մի բան է նրանց բառնալ նավերն ու Իսպանիա տանել։ Այստեղ ես կարող եմ նրանց վաճառել, ինձ նաղդ փող կվճարեն, իսկ գոյացած գումարով ես որևէ տիտղոս կամ պաշտոն կգնեմ և անկարիք կապրեմ կյանքիս մնացորդը։ Խելք ու շնորհք հո ունեմ, նման առիթ ձեռիցս չգցեմ։ Երեսուն կամ տասը հազար հպատակ ծախելը ի՞նչ մի մեծ բան է ո՜ր։ Աստված վկա, ես ձեռաց կսաղացնեմ, մեծ ու փոքր միասին, և շատ էլ նեգրեր են ― ես նրանց սպիտակ ու դեղին կդարձնեմ։[125] Հիմարի մեկին հո չե՞ն ռաստ եկել»։ Եվ նա այնքան հուզված ու ուրախացած էր այդ խոհերից, որ ոտով գնալու անախորժությունը մոռանում էր։
Քահանան և Կարդենիոն դիտում էին բոլոր իրադարձությունները մացառների արանքից, գլուխ ջարդելով, թե ինչ հնարեն, որ միանան նրանց։ Վերջապես քահանան, սաստիկ խորամանկ լինելով, հնարը գտավ։ Մոտը եղած տուփից մկրատը հանեց և ձեռաց Կարդենիոյի միրուքը խուզեց, ապա գցեց նրա վրա իր գորշ վերնարկը և կոճակներով կոճկվող սև օձիքը, իսկ ինքը մնաց միայն կապան ու վարտիքը հագին։ Կարդենիոն այնպես կերպարանափոխվեց, որ եթե հայելու մեջ նայելու լիներ, ինքն իրեն չէր ճանաչի։ Մինչև որ նրանք շորեր էին փոխում, ձիավորները նրանց առաջը տվին, բայց նրանց հաջողվեց ավելի շուտ բանուկ ճանապարհը ելնել, որովհետև ժայռերն ու մացառուտները այդ վայրերում թույլ չէին տալիս ձիավորներին նույնքան արագ շարժվելու, որքան ոտով գնացողներին։ Այսպիսով նրանք կիրճերից դուրս եկան և առաջ գնացին հարթավայրով, իսկ երբ որ հեռվից երևան եկան դոն Կիխոտն ու նրա ուղեկիցները, քահանան սկսեց նրանց զննել հայացքով, նշաններով ցույց տալով, թե նա ճանաչում է նրանց և, պահ մի այդ անելուց հետո, գրկաբաց վազեց նրանց ընդառաջ։
― Բարի հանդիպում, ― գոչեց նա, ― ո՜վ ասպետության տիպար, իմ բարի հայրենակից, դոն Կիխոտ Լամանչեցի, ազնվության ծաղիկ ու սեր, զրկվածների պատվար ու օթևան, թափառական ասպետների էություն։
Այս ասելով նա սեղմում էր իր կրծքին դոն Կիխոտի ձախ ոտը։ Սա է՛լ, զարմացած նրա խոսքերից և վարմունքից, զննող հայացքով սկսեց նայել նրան և վերջապես ճանաչեց, ապա թե, սաստիկ շվարած այդ հանդիպումից, ուժ գործադրեց, որ իջնի ձիուց, բայց քահանան նրան ետ պահեց։ Ապա դոն Կիխոտն ասաց․
― Թողեք իջնեմ, ձերդ ողորմածություն, պարոն լիցենցիատ։ Վայել չէ, որ ես ձիով գնամ, մինչդեռ այնքան մի պատվելի անձ, ինչ ձեր ողորմությունն է, ոտով գնա։
― Ոչ մի դեպքում թույլ չեմ տա, ― պատասխանեց քահանան, ― թող ձերդ մեծությունը ձիու վրա մնա, որովհետև ձի հեծած դուք գործեր ու սխրագործություններ եք կատարում, որոնցից ավելի փառավորները մեր դարը չի տեսել, իսկ ես՝ անարժան սպասավորս, կբավականանամ, եթե ձերդ ողորմածության ուղեկիցներից մեկն ու մեկը ինձ իր թարքին դնի և կթվա ինձ, թե ես ասպետի պես ռաչ կամ վագերաձի եմ հեծել, որ պատկանելիս է եղել հռչակավոր մավր Մուսարակին, որ մինչև օրս հմայված քնած է մեծ Կոմպլյուտային մերձ Սուլե՛մա մեծ բլուրի մեջ։[126]
― Այդ իմ միտքը չեկավ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց ես հավատացած եմ, որ սինյորա պրինցուհին, սիրելով ինձ, կհրամայի իր զինակրին, եթե կենդանու ուժը պատելու լինի։
― Ինձ թվում է, թե կպատի, ― պատասխանեց պրինցուհին, ― և ես կարծում եմ, որ կարիք չկա, որ հրամայեմ, որովհետև իմ զինակիրն այնքան պարկեշտ ու քաղաքավարի է, որ ինքն էլ թույլ չի տա հոգևոր անձին ոտով գնալու, եթե կարող է ձիով գնալ։
― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց դալլաքը։
Եվ արագ իջնելով, նա առաջարկեց քահանային թամբի վրա նստել, մի բան, որ նա արավ առանց ստիպելու, որ իրեն երկար խնդրեն։ Սակայն դժբախտաբար ջորին վարձով էր վերցած, հետևաբար բանի պետք չէր, ուստի երբ որ դալլաքը ուզում էր նստել քահանայի թարքին, ջորին բարձրացրեց հետին ոտները և երկու անգամ օդի մեջ աքացի տվեց։ Լավ էր, որ վարպետ Նիկոլասի գլխին կամ կրծքին չդիպավ, թե չէ դալլաքը անշուշտ դոն Կիխոտի ետևից գնալուց ձեռք կքաշեր։ Բայց էլի՛ այդ աքացիներն այնպես ազդեցին նրա վրա, որ նա գետնին փռվեց, մոռանալով իր միրուքը, որ իսկույն վայր ընկավ։ Նկատելով այդ բանը, նա ավելի լավ բան չխորհեց, քան երկու ձեռքով երեսը ծածկելը և գոռալը, թե նրա բոլոր ատամները ջարդվել ընկել են։ Դոն Կիխոտը, տեսնելով, որ միրուքի մի խուրձ առանց ծնոտի և արյան վայր ընկած զինակրից ոչ հեռու ընկած է, ասաց․
― Երդվում եմ Աստուծով, ահա՛ մեծ հրաշք։ Ջորին պոկեց և զատեց նրա միրուքը, ասես թե դանակով կտրեց։
Տեսնելով, որ կացությունը վտանգավոր է և որ իր օյինը կարող է բացվել, քահանան իսկույն վազ տվեց և վերցրեց միրուքը, մոտենալով վարպետ Նիկոլասին, որ շարունակում էր պառկած տնքալ։ Նա դալլաքի գլուխը դրեց իր կրծքին և, ինչ֊որ բաներ մրթմրթալով միրուքը կպցրեց, իսկ ներկա եղողներին հայտարարեց, որ կապքի խոսքեր արտասանեց հատուկ միրուքը կպցնելու համար և որ բոլորը կհամոզվեն, որ դա այդպես է։ Վարպետ Նիկոլասի միրուքը կպցնելուց հետո քահանան հեռացավ և զինակիրը վեր կացավ ողջ ու ոռողջ, միրուքը տեղը, առաջվա պես։ Դոն Կիխոտը չափազանց զարմացած մնաց և խնդրեց քահանայից, որ տեղը եկած ժամանակին այդ կապքի խոսքերն իրեն հաղորդի, հավատացած լինելով, որ նրա ուժը տարածվում է ոչ միայն միրուք կպցնելու, ― որովհետև եթե մեկն ու մեկի միրուքը պոկվում է, ապա նրա այտերի վրա պետք է որ վերք մնա։ Իսկ քանի որ այդ կապքի խոսքերն ամեն ինչ բուժում են, ապա ուրեմն նրանք միայն միրուքի համար չեն օգտակար։
― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց քահանան և խոստացավ առաջին իսկ հարմար առիթով հաղորդել կապքի խոսքերը։
Ապա նրանք որոշեցին, որ քահանան կնստի ջորու վրա և նրանք երեքով փոխեփոխ կգնան ջորով, մինչև որ հասնեն երկու մղոն հեռավորության վրա գտնվող իջևանը։ Երբ որ երեքն էլ նստեցին ջորիների վրա, այն է՝ դոն Կիխոտը, իշխանուհին և քահանան, իսկ երեքը՝ Կարդենիոն, դալլաքը և Սանչո Պանսան, առաջ ընթացան ոտով, դոն Կիխոտն ասաց Դորոթեային․
― Ձերդ բարձրություն, տիրուհի, առաջնորդեցեք ինձ, ուր որ կամենաք։
Սակայն մինչև որ աղջիկը պատասխան կտար, խոսեց լիցենցիատը․
― Ձերդ պայծառությունը մեզ ո՞ւր կհաճի տանել։ Երևի Միկոմիկոն թագավորությունը։ Պետք է որ այդպես լինի կամ թե չէ ես թագավորություններից բան չեմ հասկանում։
Դորոթեան, որ հասկացել էր, թե բանն ինչումն է, իսկույն գլխի ընկավ, որ պետք է դրական պատասխան տա, ուստի և ասաց․
― Այո՛, տեր իմ, իմ ուղին դեպի այդ թագավորությունն է։
― Որ այդպես է, ― շարունակեց քահանան, ― ապա մենք պիտի անցնենք մեր գյուղից, իսկ այնտեղից ձերդ ողորմածությունը կերթա Կարտախենա, որտեղ բարեհաջող պարագաներում և ուղեկից քամի լինելու դեպքում դուք կարող կլինեք նավ նստել։ Եվ եթե ծովում փոթորիկ չլինի, դուք ինը տարվա ընթացքում կհասնեք Մեոնեական մեծ լճին,[127] իսկ այնտեղից հազիվ հարյուր օրից քիչ ավելի ճամփա լինի մինչև ձեր բարձրության թագավորությունը։
― Ձերդ ողորմածությունը սխալվում է, ― պատասխանեց Դորոթեան, ― երկու տարի էլ չի անցել, ինչ ես դուրս եմ եկել տնից և ամբողջ ճանապարհիս ընթացքում եղանակը միշտ նպաստավոր չի եղել։ Այնուամենայնիվ, ես տեղ հասա և տեսա նրան, որին այնքան փափագում էի տեսնել ― սինյոր դոն Կիխոտին, Լամանչեցուն, որի հռչակը, հազիվ ոտ կոխեցի Իսպանիայի ափը, հասավ իմ ականջին և ստիպեց ինձ որոնել֊գտնել նրան, որպեսզի դիմեմ նրա վեհանձնությանը և հանձնեմ իմ արդար գործը նրա անհաղթ բազկի ուժին։
― Բավ է գովաբանել, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը, ― որովհետև ես ամեն տեսակ շողոքորթության թշնամի եմ և, անգամ ընդունելով, որ ձեր խոսքերը շողոքորթություն չեն, այնուհանդերձ, նրանք վիրավորում են իմ ամոթխած լսողությունը։ Միայն կասեմ ձեզ, սինյորա, որ իմ առաքինությունը, ինչ տեսակ էլ լինի, քանի որ ես նրա տերն եմ, ամբողջապես ձեր տրամադրության ներքո է, և ձեզ համար ես պատրաստ եմ զոհել կյանքս։ Սակայն դրա ժամանակը դեռ գալու է, իսկ հիմա պատմեցեք ինձ, սինյոր լիցենցիատ, ինչպես է եղել, որ այս վայրերն եք ընկել մեն֊մենակ, իրերից թեթև և առանց ծառաների։ Այդ ամենն ինձ սաստիկ զարմացնում է։
― Կպատասխանեմ ձեզ կարճառոտ, ― պատասխանեց քահանան։ ― Թող ձերդ ողորմածության հայտնի լինի, տերդ դոն Կիխոտ, որ ես, իմ բարեկամ դալլաքի՝ վարպետ Նիկոլասի հետ, ուղևորվում էինք Սևիլյա, որոշ գումար փող ստանալու նպատակով, որ ուղարկել էր ինձ իմ ազգականներից մեկը, որ շատ տարիներ առաջ գաղթել է Հնդկաստան։ Եվ փոքրիկ գումար էլ չէ՝ վաթսուն հազար լիակշիռ պեսո[128] ― չնչին բան չէ։ Եվ ահա, երբ որ մենք երեկ անցնում էինք այս կողմերով, մեզ վրա հարձակվեցին չորս ավազակներ և ամեն ինչ մեզնից խլեցին, անգամ միրուքներս, այնպես որ դալլաքը հարկադրված էր արհեստականը կպցնել։ Իսկ այս երիտասարդին, մեր ուղեկցին (ավելացրեց նա, ցույց տալով Կարդենիոյին), թողին մորեմերկ։ Սակայն ամենազարմանալին այն է, որ շրջակա բնակիչների ասելով, մեր կողոպտիչները ոչ այլ ոք են եղել, քան տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ, որ ազատ են թողնված այստեղից ոչ հեռու։ Եվ ասում են, թե այդ արել է ինչ֊որ քաջ մարդ՝ հակառակ կոմիսարի և պահակների դիմադրության։ Անտարակույս դա կամ խելագար է եղել կամ այնպիսիս մի անպիտան մեկը, ինչպես որ նրանք են կամ թե չէ անհոգի և անխիղճ մի մարդ։ Չէ՞ որ նա բաց է թողել գայլին՝ գառների, աղվեսին՝ հավերին կամ թե չէ ճանճին՝ մեղրի վրա։ Երևի թե նա խորհել է վիրավորել արդարադատությունը և իր օրինավոր տիրոջ՝ թագավորի դեմ ըմբոստանալ, քանի որ խախտել է նրա իմաստուն հրամանը։ Կրկնում եմ, նա խորհել է թիանավերը զրկել հենարանից, իրարանցում գցել Սանտա Հերմանդադում, որ քանի տարի է, ինչ հանգստանում է։ Մի խոսքով խորհել է կատարել մի գործ, որից նրա հոգին կորստյան կենթարկվի, ասենք մարմինն էլ չի փրկվի։
Սանչոն կարողացել էր պատմել քահանային և դալլաքին տաժանակիր աշխատանքի դատապարտվածների հետ տեղի ունեցած արկածը, որից իր տերը դուրս էր եկել փառքով, այդ պատճառով էլ քահանան դիտմամբ այդքան գունեղ նկարագրում էր, որ տեսներ, թե դոն Կիխոտը դրան ինչպես կվերաբերվի։ Սա էլ ամեն խոսքի վրա կերպարանափախվում էր, բայց սիրտ չէր անում խոստովանել, թե այդ փառավոր խմբի ազատողը ոչ այլ ոք է եղել, քան եթե ինքը։
― Ահա՝ թե ովքեր են մեր կողոպտիչները, ― ավելացրեց քահանան, ― թող ողորմածն Աստված ների նրան, ում միջոցով նրանք խուսափեցին արժանի պատժից։
Գլուխ XXX
Ուր պատմվում է չքնաղ Դորոթեայի խելքի և ուրիշ շատ հասարակ ու զվարճալի բաների մասին
Հազիվ էր քահանան ավարտել իր խոսքը, որ Սանչոն բացականչեց․
― Ազնիվ խոսք, սինյոր լիցենցիատ, այդ սխրագործությունը հենց իմ տերն է կատարել։ Այն պահին էլ ես ասում ու մատնանշում էի, որ նա խորհի, թե ինչ է անում և որ նրանց ազատելը մեղք է՝ չէ՞ որ նրանց մեծամեծ ոճիրների համար են թիանավերի վրա թիավարելու ուղարկում։
― Հիմար, ― վրա բերեց դոն Կիխոտը, ― պարտ չէ և պատշաճ չէ թափառական ասպետներին ստուգել՝ մեղավո՞ր են, թե՞ անմեղ այն ճնշվածները, վիրավորվածները և շղթայվածները, որոնց նրանք հանդիպում են բանուկ ճամփաներում։ Նրանց վայելում է լոկ օգնել տկարներին՝ ուշ դարձնելով նրանց տառապանքների և ոչ թե ոճիրների վրա։ Ես դեմ առա տանջված ու դժբախտ մարդկանց՝ շարված շղթայի վրա և վարվեցի այնպես, ինչպես իմ դավանանքն է պատվիրում, իսկ մնացածը ― թող դատեն երկնքում։ Ում աչքին որ դա վատ բան է երևում, նա տառ անգամ չի հասկանում ասպետականությունից և ստում է, ինչպես բռի գյուղացի կամ սրիկա (ի բաց առյալ, իհարկե, սինյոր լիցենցիատի սուրբ աստիճանը և նրա պատվելի անձը), և ես կապացուցեմ նրան սրով, ասես թե սուրս առջևս դրած լիներ։[129]
Այդ ասելով նա ոտներն ամրացրեց ասպանդակներում և սաղավարտը խորը քաշեց ճակատին, ― որովհետև դալլաքի լագանը, որ նա Մամբրինի սաղավարտի տեղ էր ընդունում, կախված էր թամբի առաջի փայտից, և տաժանակիր աշխատանքի դատապարտվածները նրան այնպիսի վիճակի մեջ էին գցել, որ նորոգումի մեծ կարիք կար։
Դորոթեան, հնարագետ և սրախոս աղջիկ լինելով, իմանալով, որ դոն Կիխոտի խելքը վնասված է և որ բացի Սանչո Պանսայից ամենքը նրան ծաղրում են, չկամեցավ ուրիշներից ետ մնալ և այսպես ասաց վիրավորված դոն Կիխոտին․
― Սինյոր ասպետ, մտաբերեցեք այն շնորհը, որ դուք ինձ խոստացաք և այն, որ դուք ուրիշ արկածների մեջ չեք ընկնի, որքան էլ նրանք անհետաձգելի լինեն։ Մեղմեցեք ձեր ցասումը։ Եթե սինյոր լիցենցիատն իմանալու լիներ, որ այն տաժանակիր աշխատանքի դատապարտվածները ձեր անհաղթ ձեռքով են ազատված, նա երիցս կկտրեր իր շուրթը և երիցս կկծեր իր լեզուն, նախքան ձերդ ողորմածությանը որևէ անհաճո բան ասել։
― Երդվում եմ, որ դա ճիշտ է, ― վրա բերեց քահանան։ ― Ես ուղղակի բեղս կպոկեի նախապես։
― Ես կլռեմ, տիրուհիդ իմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և կզսպեմ արդարացի ցասումս, որ եռ է գալիս իմ կրծքում։ Այսուհետև ես կլինեմ հանգիստ ու խաղաղասեր, մինչև որ իմ խոստումը չկատարեմ։ Սակայն իմ բարի մտադրություններին ի պարգև, խնդրեմ, ասացեք ինձ, եթե այդ ծանր չգա ձեզ, ի՞նչն է ձեր վիշտը, քանի՞ հոգի են նրանք, ի՞նչ մարդիկ են և ի՞նչ դասից, որոնց վրա պետք է պայթի իմ արդարացի, օրինավոր և արժանավոր վրեժը։
― Սիրով կպատասխանեմ, ― ասաց Դորոթեան, ― եթե միայն ձեզ ձանձրույթ չի պատճառի իմ դժբախտությունների և աղետների մասին լսելը։
― Ձանձրույթ չի լինի, տիրուհիդ իմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Դրան Դորոթեան պատասխանեց․
― Որ այդպես է, ականջ դրեք, սինյորներ։
Հենց որ նա այս խոսքերն արտասանեց, Կարդենիոն ու դալլաքը մոտ եկան նրան, կամենալով իմանալ, թե խելացի Դորոթեան ինչ պատմություն է հնարելու։ Նույնն արեց նաև Սանչոն, որ նույն մոլորության մեջ էր գտնվում, ինչ որ իր տերը։ Իսկ Դորոթեան, ավելի հարմար նստելով թամքի վրա, կոկորդը մաքրելուց ու պատրաստվելուց հետո, ինչպես անում են նման դեպքերում, շատ դուրեկան կերպով այսպես սկսեց․
― Նախ և առաջ թող ձեզ հայտնի լինի, սինյորներ, որ իմ անունը․․․
Այստեղ նա կակազեց, որովհետև մոռացել էր, թե քահանան ինչ էր դրել իր անունը։ Սակայն վերջինս իսկույն օգնության հասավ, որովհետև ձեռաց գլխի ընկավ, թե ինչի մեջն է դժվարությունը և ասաց․
― Զարմանալի չէ, տիրուհի, որ ձերդ բարձրությունը քաշվում ու դժվարանում է, կամենալով պատմել մեզ իր ցավերից։ Այդպես է ցավի հատկությունը ― նա զրկում է հիշողությունից նրանց, որոնց վրա թափվում է։ Մարդիկ դժբախտության մեջ հաճախ մոռանում են իրենց սեփական անունը, ինչպես հիմա պատահեց ձեզ, որ մոռացել եք, թե ձեր անունը իշխանուհի Միկոմիկոնա է, և որ դուք Միկոմիկոն մեծ թագավորության օրինավոր ժառանգորդն եք։ Այս հիշեցումից հետո ձերդ մեծությունը առանց դժվարության կարող կլինի իր ճնշված հիշողության մեջ վերականգնել այն ամենը, ինչ որ հաճելի լինի պատմել մեզ։
― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց աղջիկը, ― և հուսով եմ, որ հետագայում ես առանց հիշեցումների յոլա կգնամ և իմ ճշմարտապատում պատմությունը կհասցնեմ մինչև խաղաղ նավահանգիստ։ Իմ հոր՝ թագավորի անունը Տինակրիս իմաստուն էր, որովհետև մագիա կոչվող գիտության մեջ նա շատ տեղյակ էր։ Այդ գիտության միջոցով նրան հայտնվեց, որ մայրս՝ թագուհի Խարամիլյան, իրենից շուտ պիտի մեռնի և որ դրանից հետո շուտով իրեն է վիճակված լքելու այս աշխարհը, իսկ իմ ճակատագիրն է՝ մնալու որբ, անհայր և անմայր։ Եվ թեև նա վշտացած էր դրանից, սակայն ավելի ուժգին նա վշտացած էր, ինչպես ինքն էր ասում, այլ բանից․ նա ստուգապես գիտեր, որ մեր պետության գրեթե կողքին, մեծ կղզու վրա, հրեշավոր մի հսկա էր իշխում Պանդաֆիլանդո Դժնաչք անունով (բոլորին հայտնի է, որ թեև նրա աչքերը կանոնավոր են և իրենց տեղը, բայց նա միշտ մի քիչ շեղ է նայում, ասես թե շլդիկ լիներ և այդ նենգությունից է անում, որպեսզի վախեցնի և ահաբեկի բոլորին, որոնց վրա նայում է)։ Եվ ահա հայրս իմացավ, որ երբ հսկային հասնի իմ որբության լուրը, նա մեծ զորքով կհարձակվի մեր թագավորության վրա և ինձնից ամեն ինչ կխլի, առանց ինձ անգամ մի փոքրիկ գյուղ թողնելու, որտեղ ես կարողանայի օթևան գտնել։ Սակայն ես կարող էի այդ աղետից և կործանումից խուսափել, եթե կամենայի նրան մարդու գնալ։ Սակայն բոլոր տվյալներով հայրս կարծում էր, որ ես երբեք չեմ համաձայնի նման անհավասար ամուսնության և նա ամենևին չէր սխալվում, որովհետև երբեք մտքովս էլ չէր անցնի պսակվել ո՛չ այս հսկայի, ո՛չ էլ ուրիշ նմանի հետ, որքան էլ նա մեծ ու զորավոր լիներ։ Բացի այդ՝ հայրս ինձ ասաց, որ երբ ինքը կմեռնի և Պանդաֆիլանդոն առաջ կխաղա իմ թագավորության վրա, ես չպիտի մտածեմ անգամ դիմադրության մասին, որովհետև դա հավասարազոր կլինի կործանման։ Իսկ ես պետք է, եթե կամենում եմ փրկված լինել մահից և կատարյալ բնաջնջումից իմ բարի և հավատարիմ հպատակներին, բարի կամքովս մաքրել թագավորությունս, որովհետև այդ հսկայի դիվական ուժի դեմ պաշտպանվելու հնարավորություն չկա։ Եվ նա կտակեց ինձ՝ անմիջապես մի քանի հավատարիմ մարդկանց հետ ճամփա ընկնել Իսպանիա և այնտեղ գտնել փրկչիս իմ բոլոր աղետներից՝ թափառական ասպետին, որի փառքը այդ միջոցին տարածվել է ողջ պետության մեջ և որի անունը լինելու է, եթե միայն ես լավ եմ հիշում, դոն Ասոտ կամ դոն Խիգոտ։[130]
― Երևի նա դոն Կիխոտ է ասել, ― ընդհատեց նրան Սանչո Պանսան, ― կամ այլ կերպ՝ Տխուր Պատկերի Ասպետ։
― Հենց այդպես, ― պատասխանեց Դորոթեան։ ― Համ էլ նա ավելացրեց, որ այդ ասպետը բարձրահասակ է, նիհար դեմքով և որ նրա աջ կողմի վրա, ձախ ուսից քիչ ցած կամ այդ մասին մոտիկ տեղում թուխ խալ կա՝ խոզի մազի պես կոշտ մազով ծածկված։
Լսելով այդ՝ դոն Կիխոտը ասաց իր զինակրին․
― Ապա արի այստեղ, եղբայր Սանչո, օգնիր շորս հանեմ։ Որովհետև ես կամենում եմ համոզվել, իրո՞ք ես այն ասպետն եմ, որ նախագուշակել է իմաստուն թագավորը։
― Ի՞նչ կարիք կա, որ ձերդ ողորմածությունը շորը հանի, ― հարցրեց Դորոթեան։
― Որպեսզի տեսնեմ խալը, որի մասին ասել է ձեր հայրը, կա՞ արդյոք, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Դրա համար շոր հանելու կարիք չկա, ― ասաց Սանչոն, ― ես առանց այդ էլ գիտեմ, որ ձերդ ողորմածության մեջքի մեջտեղին հենց այդ տեսակ խալ կա, և դա առնականության նշան է։
― Դա միանգամայն բավական է, ― ասաց Դորոթեան, ― որովհետև բարեկամները նման մանր֊մունր բաների վրա ուշ չեն դարձնում և կարևոր չէ՝ ուսի՞ն է խալը, թե՞ մեջքին։ Գլխավորն այն է, որ խալը կա, իսկ որտեղ էլ լինի՝ մեկ է, մարմնի բոլոր մասերը միատեսակ են։ Անկասկած, իմ բարի հայրը ճիշտ է նախագուշակել, և ես էլ չեմ սխալվել, դիմելով տեր դոն Կիխոտին, որովհետև, անտարակույս, նրան է նկատի ունեցել իմ հայրը։ Չէ՞ որ մարմնի նշաններին համաձայն է նաև բարի համբավը, որ պտտում է նրա մասին ոչ միայն Իսպանիայում, այլև բովանդակ Լամանչում, ― որովհետև հազիվ էի ես ափ իջել Օսունում, երբ արդեն ականջիս հասավ նրա գործերի պատմությունը, որ իսկույն հուշեց իմ սրտին, որ իմ որոնածը հենց նա է։
― Սակայն, տիրուհիդ իմ, ինչպե՞ս կարող էր ձերդ ողորմածությունը Օսունում ափ իջած լինել, ― հարցրեց դոն Կիխոտը, ― քանի որ դա ծովային նավահանգիստ չէ։
Մինչև որ Դորոթեան պատասխան տար, միջամտեց քահանան և ասաց․
― Տիրուհի իշխանուհին, երևի, կամեցել է ասել, որ այն օրից, ինչ նա ափ է իջել Մալագում, առաջին վայրը, որտեղ նա լսել է ձերդ ողորմածության մասին, Օսունան է եղել։
― Այո՛, հենց իմ ասելս այդ է եղել, ― հաստատեց Դորոթեան։
― Ապա ամեն ինչ հասկանալի է, ― ասաց քահանան։ ― Դե, շարունակեցեք, ձերդ մեծություն։
― Ես բան չունեմ ավելացնելու, ― ասաց Դորոթեան, ― գուցե այն, որ վերջապես բախտը գթաց, և ես գտա սինյոր դոն Կիխոտին։ Ես հիմա արդեն ինձ համարում եմ թագուհի և իմ ամբողջ թագավորությանս տիրուհին, որովհետև իր սիրալիրությամբ և վեհանձնությամբ հաճեց ինձ հետ գնալ ուր որ ես նրան տանելու լինեմ։ Իսկ ես նրան հսկա Պանդաֆիլանդո Դժնաչքի մոտ եմ տանելու, որպեսզի նա սպանի հրեշին և վերադարձնի ինձ այն, ինչ որ ինձնից ապօրինի խլված է։ Այդ ամենը պիտի կատարվի ծրագրածի պես, որովհետև այդպես է նախագուշակել իմ բարի հայր Տինակրիո իմաստունը։ Նա թուղթ է թողել՝ գրված հունարեն և քաղդեերեն։ Ես պետք է անմիջապես, առանց որևէ առարկությունների, դառնամ նրա օրինավոր ամուսինը, և իմ անձի հետ հանձնեմ նրան իշխանությունը նաև բովանդակ իմ թագավորության վրա։
― Ի՞նչ կասես սրան, Սանչո բարեկամս, ― հարցրեց այստեղ դոն Կիխոտը։ ― Լսո՞ւմ ես՝ խոսքը ինչի մասին է։ Չէ՞ի ասում քեզ այդ բանը։ Ահա մենք թագավորություն էլ կունենանք, որ մենք կառավարենք և թագուհի, որի հետ ամուսնանանք։
― Աստված վկա, ճիշտ է, ― ասաց Սանչոն։ ― Պետք է ախմախ լինել, որպեսզի մարդ, այդ սինյոր Պանդաիլադոյի գլուխը չջարդի և իշխանուհու հետ չամուսնանա։ Ի՞նչ կասեք, գե՞շ թագուհի է։ Կուզենայի՜, որ իմ անկողնում էլ այդպիսի լվիկներ թռչկոտեին։
Այդ ասելով, նա ի նշան առանձին հաճույքի, երկու անգամ օդում աքացի տվեց։ Ապա նա բռնեց Դորոթեայի նստած ջորու նախտան և, կանգնեցնելով, չոքեց՝ աղաչելով, որ աղջիկը թույլ տա համբուրել իր ձեռքը՝ որպես իր թագուհու ու տիրուհու։ Ո՞վ չէր ծիծաղի տեսնելով տիրոջ նման խելագարությունը և ծառայի պարզամտությունը։ Դորոթեան պարզեց իր ձեռքը և խոստացավ նրան մեծ պաշտոնյա դարձնել հենց որ երկինքն իրեն թույլ տա վերստին տիրանալ իր թագավորության։ Սանչոն հայտնեց իր շնորհակալությունն այնպիսի դարձվածներով, որ ներկաները դարձյալ ծիծաղեցին։
― Ահա, սինյորներ, իմ պատմությունը, ― շարունակեց Դորոթեան։ ― Մնում է ասեմ, որ իմ թագավորությունից հետս դուրս բերած ամբողջ շքախմբից մենակ այս միրուքավոր զինակիրս է մնացել, իսկ մնացածները բոլորն էլ խեղդվեցին սարսափելի փոթորկի միջոցին, որ վրա հասավ մեզ նավահանգստի մոտերքում։ Իսկ մենք նրա հետ երկու տախտակի վրա հրաշքով ափ հասանք։ Ասենք՝ իմ ողջ կյանքը, ինչպես որ արդեն դուք նկատած կլինեք, հրաշք ու գաղտնիք է։ Իսկ եթե ես որևէ ավելորդ կամ անտեղին բան ասացի, ապա մեղավորը այն պարագաներն են, որոնց սկզբից ևեթ մատնանշեց սինյոր լիցենցիատը, արտասովոր և անընդհատ փորձությունները զրկում են հիշողությունից նրանց, որոնց գլխին թափվում են։
― Ինչ փորձությունների էլ ենթարկվելու լինեմ ես, որքան էլ մեծ ու զարմանալի լինեն նրանք, ո՜վ ազնվազարմ ու արի տիրուհի, ― հայտարարեց դոն Կիխոտը, ― ծառայելով ձեզ, ես հիշողությունս չեմ կորցնի։ Ես կրկին հաստատում եմ իմ խոստումը և երդվում, որ ձեզ մինչև աշխարհիս ծայրը կհետևեմ, մինչև որ չհանդիպեմ ձեր դաժան թշնամուն, որի հանդուգն գլուխը Աստծու և իմ ձեռքի օգնությամբ հույս ունեմ, որ կկտրեմ այս կուռ թրի ծայրով ― կուզենայի ասել, բայց չեմ կարող, որովհետև իմ կուռ թուրը հափշտակել է Խինես դե Պասամոնտեն։
Վերջին խոսքերը նա արտասանեց ատամների արանքով, ապա շարունակեց․
― Իսկ նրա գլուխը կտրելուց հետո ես ձեզ կմտցնեմ ձեր պետության խաղաղ տիրության մեջ, դուք կկարողանաք, ըստ ձեր ազատ հայեցողության, տնօրինել ձեր անձը, որովհետև իմ հիշողությունը գրավված է, կամքս՝ գերի և բանականությունս՝ հափշտակված նրանով․․․ ոչինչ այլևս չեմ ավելացնի։ Միայն թե ես ոչ միայն անկարող եմ ամուսնանալ, այլև նաև ամուսնության մասին խորհել, անգամ եթե փյունիք թռչունը լիներ հարսնացուս։
Դոն Կիխոտի ամուսնանալու անկարելիության մասին ասած խոսքերը այնքան դուր չեկան Սանչոյին, որ նա ցավալիորեն բարձրացրեց իր ձայնն ու ասաց․
― Երդվում եմ, սինյոր դոն Կիխոտ, որ ձեր խելքը թռել է։ Ինչպե՞ս կարելի է տատանվել, երբ որ այսպիսի ազնվական իշխանուհու հետ ամուսնանալու մասին է գործը գալիս։ Ի՞նչ եք կարծում, բախտը ամե՞ն քայլափոխում ուղարկելու է ձեզ սրա պես հաջողություն։ Կամ թե միգուցե, ձեր կարծիքով, տիրուհի Դուլսինեան ավելի՞ գեղեցիկ է։ Իհարկե ոչ, սրա կեսի չափ էլ գեղեցիկ չէ։ Պատրաստ եմ երդվելու, որ իշխանուհու եղունգն էլ չարժե։ Ասել է թե՝ իմ կոմս դառնալս փըստ եղավ, եթե ձերդ ողորմածությունը սպասելու է, որ ծովի տակին տանձ բռնի։ Ամուսնացեք, անպատճառ ամուսնացեք, թող սատանան տանի ձեզ, ձեռքից մի գցեք թագավորությունը, որ նահախ տեղից ինքն է գալիս ձեր ձեռքը։ Իսկ երբ որ թագավոր դառնաք, ― ինձ մարկիզ դարձրեք կամ փոխարքա, ապա ― ամեն ինչ թեկուզ սատանի բաժին դառնա։
Դոն Կիխոտը, լսելով այս սրբապղծությունը իր տիրուհի Դուլսինեայի նկատմամբ, չհամբերեց և, բարձրացնելով նիզակը, առանց խոսք ասելու և նախազգուշացնելու, երկու այնպիսի հարված հասցրեց Սանչոյին, որ սա հասակովը մեկ փռվեց գետնին և, եթե Դորոթեան իր ճիչով դոն Կիխոտին ետ պահելու չլիներ, նա, անշուշտ, տեղն ու տեղը կսպաներ նրան։
― Մի՞թե դուք կարծում եք, ստոր գյուղացի, ― սկսեց նա պահ մի անց, ― որ դուք միշտ ոտներիս արանքը փայտ եք կոխելու, իսկ ես միշտ ներելու եմ ձեր հանդգնությունը։ Ձեր մտքիցն էլ թող չանցնի, անիծյալ անպիտան, ― որովհետև դուք անպիտան եք, քանի որ ձեր լեզուն խիզախեց դիպչել աննման Դուլսինեային։ Գիտե՞ք դուք, տխմար, ավարա, բռի գյուղացի, որ միայն նա է, որ ուժ է տալիս իմ ձեռքին և որ առանց նրան ես չէի կարող անգամ լու սպանել։ Ասացեք ապա, իժի լեզու ունեցող սրիկա, ո՞վ է ձեր կարծիքով նվաճել այդ թագավորությունը, կտրել հսկայի գլուխը և ձեզ մարկիզ դարձրել (որովհետև այդ ամենը ես արդեն համարում եմ կատարված՝ այն, ինչ մտահղացված է՝ կատարված է), մի՞թե ոչ Դուլսինեայի առաքինությունը, որ իմ ձեռքն ընտրել է որպես գործիք իր սխրագործությունների։ Նա մարտնչում է իմ մեջ և հաղթում ինձնով, իսկ ես ապրում ու շնչում եմ նրանով և նրանից է իմ կյանքն ու կացությունը։ Օ, զզվելի անպիտան, ի՜նչ անշնորհակալն եք դուք, դուք, որին հող ու փոշուց են բարձրացրել և հասցրել անվանի տիրոջ։ Դուք ձեր բարերարուհուն դրա համար զրպարտում եք։
Ինչքան էլ Սանչոն ջարդված լիներ, այնուհանդերձ նա լսեց իր տիրոջ խոսքերը և, ոչ առանց փութկոտության վեր կենալով, թաքնվեց Դորոթեայի յորղա ձիու քամակին և այնտեղից պատասխանեց․
― Ասացեք ինձ, սինյոր, եթե ձերդ ողորմածությունը վճռել է չամուսնանալ այս ազնվազարմ իշխանուհու հետ, ապա ուրեմն թագավորությունը ձերը չի՞ լինի։ Իսկ եթե այդպես է, ապա էլ ի՞նչ շնորհ սպասեմ ձեզնից։ Ահա թե ինչից եմ գանգատավոր ես։ Անպայման ամուսնացեք այս թագուհու հետ, որ ուղղակի երկնքից է իջել մեզ համար, իսկ հետո դուք կարող կլինեք վերադառնալ տիրուհի Դուլսինեայի մոտ՝ եղել են հո աշխարհիս երեսին թագավորներ, որ ապրելիս են եղել սիրուհիների հետ։ Գալով գեղեցկության՝ ես այդ գործին չեմ խառնվում, որովհետև, իսկապես, երկուսն էլ գեղեցկուհի են ինձ համար, թեև տիրուհի Դուլսինեային ես երբեք չեմ տեսել։[131]
― Ինչպե՞ս թե չես տեսել, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը։ ― Չէ որ դու նոր նրանից ողջույն ես բերել ինձ համար, զազիր դավաճան։
― Ես ուզում էի ասել, որ նրան բավականաչափ երկար տեսած չկամ, որպեսզի մանրամասն, ամեն կողմից զննած լինեի նրա գեղեցկությունն ու բոլոր հրապույրները։ Բայց, ընդհանրապես, նա ինձ լավիկն է թվում։
― Ահա հիմա ես ներում եմ քեզ, ― ասաց դոն Կիխոտը, ― դու էլ ներիր ինձ, որ վիրավորեցի քեզ, որովհետև մարդուս առաջին շարժումները կամքից կախված չեն լինում։
― Այդ ես արդեն գիտեմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Իսկ իմ առաջին շարժումը խոսելու ցանկությունն է լինում։ Ոչ մի կերպ չեմ կարողանում զսպել ինձ և գոնե մի անգամ չասեմ այն, ինչ որ պտտվում է լեզվիս ծայրին։
― Այնուամենայնիվ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― խորհիր ասածիդ վրա։ Դու հո գիտես՝ կուժը ջրի ճամփին․․․ էլ չեմ շարունակի։
― Դե լավ, ― պատասխանեց Սանչոն, ― Աստված երկնքում տեսնում է բոլոր հանցանքները, նա էլ կվճռի, թե որն է ավելի վատ՝ վատ խոսելը, ինչպես ես, թե՞ վատ անելը, ինչպես ձերդ ողորմածությունը։
― Դե, բավական է, ― ընդհատեց Դորոթեան։ ― Վազեցեք, Սանչո, համբուրեցեք ձեր տիրոջ ձեռքը և ներողություն խնդրեցեք, իսկ հետագայում զգույշ եղեք գովասանքի և պարսավանքի մեջ և Տոբոսցի տիրուհու մասին վատ մի խոսեք։ Ես պատրաստ եմ ծառայելու նրան, թեև նրան չեմ էլ ճանաչում։ Մնացածը Աստծուն հավատացեք, և դուք կալվածներ կունենաք և կապրեք նրանց մեջ իշխանավայել կյանքով։
Սանչոն, գլուխը կախ գցած, մոտեցավ դոն Կիխոտին և խնդրեց, որ տա իրեն իր ձեռքը, որ և նա պարզեց արժանապատվությամբ։ Երբ որ Սանչոն համբուրեց, դոն Կիխոտը նրան օրհնեց և առաջարկեց հետը առաջ անցնել, ասելով, թե պետք է նրան հարց ու փորձ անի և հետը շատ կարևոր բաներից զրույց անի։ Սանչոն հնազանդեց և երբ որ նրանք մնացածներից առաջ ընկան, դոն Կիխոտն ասաց․
― Քո վերադարձից հետո դեպքը չբերեց, որ մանրամասն տեղեկանայի, թե ինչպե՞ս ես կատարել հանձնարարությունս և ի՞նչ պատասխան ես բերել։ Սակայն հիմա, երբ բախտը շնորհում է մեզ և՛ տեղ, և՛ ժամանակ դրա համար, ինձ մի զրկիր Դուլսինեայից բարի լուր լսելու բախտից։
― Հարցրեք, ձերդ ողորմածություն, ամեն բան, որ կուզենաք, ― պատասխանեց Սանչոն։ ― Իմ բերանը հիմա կկրկնի այն, ինչ որ մտել է ականջս, միայն թե աղաչում եմ ձերդ ողորմածությունից, տեր իմ, այլևս այնքան վրեժխնդիր միք լինի։
― Ինչո՞ւ ես ասում այդ, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Նրա համար, ― պատասխանեց Սանչոն, ― որ դուք հիմա ինձ ծեծեցիք ավելի շուտ այն պատճառով, որ անցյալ գիշեր սատանան մեզ կռվացրեց և ոչ թե տիրուհի Դուլսինեայի մասին ասած խոսքերի համար։ Նրան ես սիրում ու հարգում եմ, որպես սրբություն (թեև ի՞նչ սրբություն կա մեջը որ) ― միմիայն ձերդ ողորմածության համար թանկ լինելու համար։
― Բավ է շաղակրատես այդ մասին, Սանչո, խնդրում եմ, ― ասաց դոն Կիխոտը, ― քո խոսքերն անախորժ են ինձ։ Ես նոր ներեցի քեզ, իսկ դու ինքդ գիտես, որ ասված է․ «Նոր մեղքի համար ― նոր զղջում»։
Այդ վայրկյանին ճամփին նրանք իրենց առջև էշի վրա նստած մի մարդ տեսան և երբ որ նա մոտ եկավ, գնչուի տեղ դրին նրան։ Սակայն Սանչոն, որի աչքերը էշ տեսնելուց քիչ էր մնում դուրս թռչեին, անծանոթին տեսավ թե չէ, իսկույն ճանաչեց Խինես Պասամոնտեին և, բռնելով թելից, այսինքն՝ գնչուից, կծիկը քակեց, այն է՝ գլխի ընկավ, որ գորշ էշը, որի վրա նստած էր Պասամոնտեն, իր սեփականն է։ Այդպես էլ դուրս եկավ։ Պասամոնտեն, որպեսզի իրեն չճանաչեն և չխանգարեն էշը ծախել, գնչուի պես էր հագնվել։ Գնչուների, ինչպես և շատ ուրիշ լեզուներով նա խոսում էր, ինչպես իր մայրենի լեզվով։ Տեսավ նրան Սանչոն և ճանաչեց, իսկ տեսնելուց և ճանաչելուց հետո բարձրաձայն գոչեց․
― Գող Խինեսիլյո, ետ տուր ինձ իմ մալը, վերադարձրու կյանքս, մի՛ խռովիր հանգիստս, թող ինձ մնա իմ էշը, վերադարձրու ինձ իմ զվարճությունը։ Ճղի՛ր, սրիկա, կորի՛ր, գող և թող այն, ինչ որ քոնը չէ։
Այդքան հայհոյանքի կարիք չկար էլ։ Առաջին իսկ խոսքից Խինեսը վայր թռավ էշից, և զոռ տալով ոտներին, վազեց ու վայրկյանապես անհետացավ։ Սանչոն մոտեցավ իր գորշին և գրկելով ասաց․
― Քեֆդ ինչպե՞ս է, գանձ իմ, իմ հոգու էշը, իմ սրտագին բարեկամս։
Եվ այդ ասելով նա համբուրում էր նրան, ասես թե մարդ լիներ։ Իսկ էշը լուռ էր։ Թույլ տալով, որ իրեն գրկեն ու համբուրեն, նա ոչ մի խոսք չպատասխանեց։ Հասան ետ մնացածներն ու սկսեցին շնորհավորել Սանչոյին գյուտի համար, մանավանդ դոն Կիխոտը, որ հայտարարեց, թե չնայած դրան, նա չի փոխում իր խոստումը երեք քուռակի մասին։ Սանչոն շնորհակալ եղավ։ Երբ որ դոն Կիխոտը Սանչոյի հետ առջևից գնում ու զրույց էր անում, քահանան ասաց Դորոթեային, որ նա իր պատմությունը շատ ճարտար արեց՝ կարճառոտ և նման ասպետական վեպերում եղած զրույցներին։ Դորոթեան պատասխանեց, թե զվարճության համար ինքը հաճախ այդ վեպերն է կարդացել։ Մի բան միայն չէր իմանում՝ որտե՞ղ են գտնվում ծովեզրյա երկրներն ու քաղաքները, այդ պատճառով էլ խելքին փչածն ասաց՝ թե ափ է իջել Օսունում։
― Ես այդպես էլ հասկացա, ― պատասխանեց քահանան, ― ուստի աճապարեցի օգնության հասնել և շտկել ամեն ինչ։ Սակայն ասացեք, խնդրեմ, տարօրինակ չէ՞ տեսնել, թե ի՜նչ դյուրությամբ դժբախտ հիդալգոն հավատ է ընծայում բոլոր պատրանքներին և հեյրուրանքներին լոկ այն պատճառով, որ նման են այն ցնդաբանություններին, որ նա կարդացել է այդ գրքերում։
― Այդ խելագարությունը, ― ասաց Կարդենիոն, ― այնքան հազվադեպ է և նոր, որ նրան պատկերել և նրանից վեպ կառուցել կամեցողը պետք է որ շատ նուրբ միտք ունենա, որ կարողանա գլուխ բերել։
― Սակայն մի բան, որ ավելի զարմանալի է, ― ասաց քահանան, ― դա այն է, որ եթե մի կողմ դնելու լինենք հիմարությունները, որ այդ սիրելի մարդը դուրս է տալիս իր խելագարության առարկայի վերաբերմամբ և եթե նրա հետ ուրիշ բաներից խոսելու լինեք, նա շատ խելացի դատողություններ կանի և կցուցադրի առողջ, պայծառ միտք։ Այնպես որ՝ եթե նրա հետ ասպետականությունից խոսելու չլինեք, ոչ մի կերպ չի կարելի նկատել, որ նա խելքից պակաս է։
Մինչդեռ այս խումբն այդպես հանդարտ առաջ էր շարժվում, դոն Կիխոտը շարունակում էր իր զրույցը Սանչոյի հետ։
― Բարեկամս, ― ասում էր դոն Կիխոտը, ― թողնենք մեր բոլոր վեճերը և ոխ չպահենք։ Դե ասա՝ որտե՞ղ, երբ և ինչպե՞ս տեսար դու Դուլսինեային։ Ի՞նչ էր անում նա, ի՞նչ ասացիր դու նրան, ի՞նչ պատասխանեց նա քեզ և դեմքի ի՞նչ արտահայտությամբ կարդաց նա իմ նամակը։ Ո՞վ արտագրեց նամակս։ Մի խոսքով՝ պատմիր ինձ ամենը, ինչ որ քո կարծիքով արժանի է որ մարդ իմանա և հարցնի, առանց մի բան ավելացնելու կամ սուտ ասելու ինձ հաճույք պատճառելու համար և առանց կրճատելու, որ իմ բավականությունը պակասի։
― Սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― եթե ճշմարիտն ասելու լինեմ, ձեր նամակը ոչ ոք չի արտագրել, որովհետև ես հետս չէի էլ վերցրել։
― Դու ճիշտ ես ասում, ― վրա բերեց դոն Կիխոտը, ― որովհետև հուշատետրը, որի վրա ես գրել էի, քո գնալուց երկու օր անց ես գտա մոտս և դա ինձ չափազանց վշտացրեց, որովհետև ես չգիտեի, թե դու ինչ ես անելու, երբ որ նկատես մոռացածդ և կարծում էի, թե հենց որ նկատես ― կվերադառնաս։
― Ես այդպես էլ կանեի, ― պատասխանեց Սանչոն, ― եթե անգիր արած չլինեի ձեր ընթերցումի միջոցին։ Ես թելադրեցի մի խորանապետի, որ գրի առավ կետ առ կետ և որն ինձ ասաց, որ թեև ինքը բանադրանքի շատ թղթեր է կարդացել, սակայն այսպիսի գեղեցիկ թուղթ երբեք չի տեսել ու չի կարդացել։
― Եվ դու մինչև հիմա էլ հիշո՞ւմ ես անգիր, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ոչ, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― հենց որ նամակը հանձնեցի, իսկույն ևեթ, տեսնելով, որ այլևս բանի պետք չէ, մոռացության տվի։ Եվ եթե մի բան սկզբից միտս է մնացել՝ դա ― իշազոր, ասել կուզե՝ իշխանազոր տիրուհին է և վերջը՝ մինչև գերեզման ձեր՝ Տխուր Պատկերի Ասպետը։ Եվ սրանց մեջտեղը ես ավելի քան երեք հարյուր անգամ դրել եմ հոգիս, կյանքս և աչքիս լույսը։
Գլուխ XXXI
Դոն Կիխոտի և իր զինակիր Սանչո Պանսայի հետ ունեցած զրույցի և այլ եղելությունների մասին
Այդ ամենը վատ չէ, շարունակիր, ― ասաց դոն Կիխոտը։ ― Երբ դու տեղ հասար, ի՞նչ էր անում գեղեցկության թագուհին։ Երևի մարգարիտ էր շարում կամ ոսկի թելերով տոհմանշան էր գործում իր գերի ասպետի համար։
― Ոչ, պատասխանեց Սանչոն, ― նա հետևի բակում երկու ֆանեգա[132] ցորեն էր մաղում։
― Այո՛, բայց նկատի առ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ցորենի հատիկները մարգարիտներ էին դառնում՝ դիպչելով նրա գեղեցիկ ձեռներին։ Բայց ասա՛ ինձ, եթե դու ուշ էր դարձրել, հատիկները ճերմա՞կ էին, թե՞ սև։
― Դեղին, ― պատասխանեց Սանչոն։
― Հավատացնում եմ, ― ասաց դոն Կիխոտը, ― նրա ձեռքով մաղած ցորենից, անտարակույս, ճերմակ հաց դուրս կգա։ Բայց շարունակիր՝ երբ որ դու հանձնեցիր նրան իմ նամակը, համբուրե՞ց նամակս։ Թե՞ գլխին դրեց։ Թե՞ ուրիշ արարողություններ կատարեց, որ արժանի են իմ նամակին։ Ի՞նչ արեց։
― Երբ որ ես նրան մատուցեցի նամակը, նա ժրաջան թափահարում էր մաղը, որի մեջ բավական ցորեն կար։ Նա ասաց՝ դրեք, բարեկամս, այնտեղ՝ ջվալի վրա, ես կարդալու միջոց չունեմ, մինչև որ այս ամենը չմաղեմ։
― Օ՜, իմաստուն տիրուհի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Նա կամեցել է կարդալ առանց շտապելու, որ լիուլի բավարարվի։ Շարունակիր, Սանչո, իսկ նրա այդչափ զբաղված միջոցին դուք ի՞նչ խոսակցություն ունեցաք։ Ի՞նչ հարց ու փորձ արավ ինձնից։ Դու նրան ի՞նչ պատասխանեցիր։ Ավարտիր, ամեն բան պատմիր՝ ոչինչ չթողնելով թանաքամանիդ տակը։
― Նա բան չհարցրեց, ― ասաց Սանչոն, ― բայց ես նրան պատմեցի, որ ձերդ ողորմածություը, ծառայելով նրան, ինքն իր վրա ապաշխարանք է դրել՝ թափառում է լեռներում մինչև գոտին մերկ վայրենիի նման, քնում է կոշտ հողի վրա, հացը առանց սուփրի է ուտոմ, միրուքը չի սանրում և լացով անիծում է բախտը։
― Որ ես անիծում եմ բախտս՝ այդ լավ չես արտահայտել, ― հակաճառեց դոն Կիխոտը, ― ընդհակառակը՝ ես օրհնում եմ բախտս և օրհնելու եմ կյանքիս բոլոր օրերը, որ ինձ երջանկություն են շնորհել սիրել այնպիսի բարձր մի տիրուհու, ինչպես Դուլսինեա Տոբոսցին է։
― Բարձր լինելը բարձր է, մի չորս մատ ինձնից բարձր կլինի, ― պատասխանեց Սանչոն։
― Մի՞թե հասակդ նրա հետ չափել ես,[133] Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ահա թե ինչպես եմ չափել, ― պատասխանեց Սանչոն, ― ես նրան օգնեցի, որ ցորենի ջվալը բեռնի էշին և կանգնեցի կողքին, այստեղ էլ նկատեցի, որ նա ինձնից մի թիզ բարձր է։
― Ճշմարիտ եմ ասում, ― ասաց դոն Կիխոտը, ― այդ բարձր հասակին ուղեկցում են, զարդարելով նրան, հազար ու բյուր հոգեկան նազելիություններ։ Սակայն մի բան դու չես ժխտի, Սանչո, երբ որ դու կանգնած էիր նրա կողքին, դու զգացած կլինեիր հաճելի հոտ, անուշ բույր, այնքան սքանչելի և բուրավետ մի բան, որ չի կարելի արտահայտել խոսքերով, ասես թե դու երևելի ձեռնոցակարի խանութում լինեիր։
― Միայն կասեմ որ, ― պատասխանեց Սանչոն, ― տղամարդու հոտ առա, երևի թե ուժգին շարժումից նա սաստիկ քրտնած էր։
― Այդ չի կարող պատահել, ― գոչեց դոն Կիխոտը։ ― Պարզապես դու հարբուխ ես ունեցել կամ թե չէ սեփական հոտդ ես առել։ Ես հո գիտեմ, թե ի՞նչ բույր ունի այդ վարդը փշերի մեջ, այդ հովտի շուշանը, այդ անուշահոտ հեղուկը։
― Հնարավոր է, ― պատասխանեց Սանչոն, ― ինձնից հաճախ այնպիսի հոտ է գալիս, ինչպիսին, թվաց ինձ, գալիս էր այն միջոցին նորին ողորմածություն տիրուհի Դուլսինեայից։ Զարմանալու բան էլ չկա՝ մեկ սատանան նման է մյուսին։
― Այսպիսով, ― շարունակեց դոն Կիխոտը, ― երբ որ նա ավարտեց ցորեն մաղելը և ուղարկեց ջրաղացը, ի՞նչ ասաց, նամակս կարդալուց հետո։
― Նա չի էլ կարդացել, ― պատասխանեց Սանչոն, ― նա հայտարարեց, ոչ կարդալ գիտե, ոչ գրել։ Նամակն առավ ու պատառոտեց, չկամենալով, որ մեկն ու մեկը կարդա և գյուղում իմանան իր գաղտնիքները։ Թե՝ բավական է իմ ասածը, այն ինչ ես խոսքերով հաղորդեցի ձերդ ողորմածության սիրո և զարմանալի ապաշխարանքի մասին, որ դուք նրա պատճառով դրել եք ձեր վրա։ Վերջումն էլ նա ինձ ասաց, որ ասեմ ձերդ ողորմածության, որ ինքը համբուրում է ձեր ձեռքը և որ իրեն համար ավելի ցանկալի կլիներ տեսնվել ձեզ հետ, քան ձեզ նամակ գրել։ Դրան ավելացրեց, որ աղերսում ու հրամայում է ձեզ, որ դուք իր պատասխանն ստանալու պես դուրս գաք այդ խորխորատներից, դադարեք հիմարություններ անելուց և շուտով Տոբոսո դառնաք, եթե միայն ավելի կարևոր բան ձեզ պահելու չլինի, որովհետև ինքը շատ կկամենար տեսնել ձերդ ողորմածությանը։ Նա շատ ծիծաղեց, երբ որ իրեն ասացի, որ ձերդ ողորմածությունն իրեն Տխուր Պատկերի Ասպետ է կոչում։ Ես հարցրի նրանից՝ եկե՞լ է նրա մոտ մեր բիսկայեցի բարեկամը։ Նա ասաց, որ եկել է և որ նա շատ լավ մարդ է։ Տաժանակիր աշխատանքի դատապարտվածներից էլ հարցրի, բայց նա պատասխանեց, որ մինչև հիմա նրանցից դեռ ոչ մեկին չի տեսել։
― Առայժմ ամեն ինչ լավ է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Բայց, ասա ինձ, ի՞նչ թանկարժեք իր նվիրեց քեզ հրաժեշտ տալուց, բերածդ լուրերի համար։ Չէ՞ որ տիկինների և թափառական ասպետների միջև հնուց արմատացած սովորույթ կա՝ զինակիրներին, բարեկամուհիներին կամ թզուկներին, որ լուր են բերում տիկիններից կավալերներին կամ կավալերներից՝ տիկիններին, սովորաբար թանկարժեք իրեր են նվիրում որպես պարգև առաքելության համար։
― Հնարավոր բան է։ Ըստ իս լավ սովորույթ էլ է։ Սակայն, ըստ երևույթին, հներում էր այդպես կատարվում, իսկ հիմա ընդունված է մի կտոր հաց ու պանիր նվիրել, այն կտորի նման, որ ցանկապատի վրայով ինձ պարզեց տիրուհի Դուլսինեան, երբ որ ես իրեն մնաս բարով էի ասում։ Կարող եմ ավելացնել, որ պանիրը ոչխարի էր։
― Նա սովորաբար առատաձեռն է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Երևի այդ վայրկյանին ձեռքի տակ թանկագին իրեր չեն եղել, դրա համար էլ չի տվել քեզ։ Ասենք՝ թևքերը զատկից հետո էլ պետքական են լինում։[134] Ես կտեսնեմ նրան և դու բավարարված կլինես։ Սակայն գիտե՞ս ինչն է զարմացնում ինձ, Սանչո։ Ինձ թվում է, թե դու օդով թռար այնտեղ և ետ դառար՝ չէ՞ որ դու երեք օրից քիչ ավել ժամանակամիջոցում գնացիր Տոբոսո և վերադարձար, իսկ ճանապարհը ― երեսուն մղոնից ավել է։ Դրանից ես հետևցնում եմ, որ իմաստուն մոգը, որ հոգ է տանում իմ մասին և հովանավորում ինձ (իսկ այդ տեսակ մեկը ես ունեմ և պետք է որ ունենամ, այլապես իսկական թափառական ասպետ չէի լինի), ահա՛ այդ մոգը, երևի, օգնել է, որ ճամփան կտրես, իսկ դու չես էլ նկատել։ Այդ հաճախ է պատահում, որ որևէ իմաստուն մոգ տանում է իր անկողնում քնած թափառական ասպետին, որ առավոտյան արթնանում է և ինքն էլ չի իմանում, թե ինչպես և ինչ կերպով է հազար մղոն հեռու ընկել այն տեղից, որտեղ քնել էր։ Այո՛, առանց դրան թափառական ասպետները չէին կարող իրար վտանգների պահին օգնության հասնել, ինչպես նրանք անում են ամեն քայլափոխում։ Որովհետև երբեմն պատահում է, որ նույն միջոցին, երբ մեկը մարտնչում է Հայաստանի լեռներում որևիցե անդրիակի դեմ՝ դաժան մի հրեշի, կամ մի այլ ասպետի դեմ ― հանկարծակի, կռվի ամենատաք միջոցին, մահացու վտանգի վայրկյանին, մին էլ տեսար ամպի վրա կամ հրեղեն կառքով հանդես է գալիս նրա բարեկամ ասպետը, որ մինչ այդ Անգլիայում էր և օգնության հասնելով՝ փրկում է նրան մահից։ Իսկ իրիկնադեմին ― արդեն իր տանն է և հանգիստ կերպով ընթրում է։ Մինչդեռ մի տեղից մյուսը երկու կամ երեք հազար մղոնից պակաս չէ։ Եվ այդ ամենը այդ իմաստուն կախարդների գիտությունից ու արվեստից է, նրանք հսկում են արի ասպետներին։ Ուստի, Սանչո բարեկամս, ես չեմ դժվարանում հավատ ընծայել, որ դու կարող էիր այդքան կարճ ժամանակամիջոցում Տոբոսոյում եղած լինել և վերադառնալ, որովհետև, ինչպես ես արդեն ասացի, իմ իմաստուն հովանավորներից մեկն ու մեկը փոխադրած կլինի քեզ օդով, իսկ դու այդ չես էլ նկատել։
― Կարող է պատահել, ― ասաց Սանչոն, ― Աստված վկա, որովհետև Ռոսինանտը վազում էր ինչպես գնչուի էշ, կամ ոնց որ ականջների մեջ սնդիկ լցրած լիներ։[135]
― Ի՜նչ սնդիկ, ի՜նչ բան, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը։ ― Նրա ականջներում սատանաների մի ամբողջ զորք է եղել։ Չէ՞ որ այդ ջինսը ինքն էլ է առանց հոգնելու սուրում, ուրիշներին էլ սուրալ տալիս, ինչքան որ իրենց խելքին փչի։ Բայց թողնենք այդ։ Քո կարծիքով, ես ի՞նչ պիտի անեմ, քանի որ իմ տիրուհին հրամայում է ներկայանամ իրեն։ Մի կողմից՝ ես պարտավոր եմ կատարելու նրա հրամանը, մյուս կողմից՝ այդ անհնար է, որովհետև ես մեր ետևից եկող իշխանուհուն երդում եմ տվել, իսկ ասպետության օրենքը պատվիրում է նախ կատարել տված խոսքը, ապա թե սեփական հաճույքի մասին խորհել։ Ինձ հալածում ու տոչորում է իմ տիրուհուն տեսնելու ցանկությունը և միաժամանակ քաշում ու կոչում է պատվի պարտքս և ծարավս սկսած գործս փառքով ավարտելու։ Սակայն ահա թե ինչ եմ վճռել ես՝ ես կփութամ հասնել այն հսկային, ձեռաց կքաշեմ նրա գլուխը, իշխանուհուն ապահով կհաստատեմ իր տիրության մեջ և իսկույն շեշտակի կնետվեմ դեպի նա, որի լույսը սփռվել է իմ զգացմունքների վրա։ Իհարկե, ես կկարողանամ արդարանալ նրա առջև, նա նույնիսկ հավանություն կտա իմ հապաղումին, որովհետև դա կծառայի նրա պատվի և փառքի ավելացմանը։ Որովհետև ինչի էլ ես հասնելու լինեմ, հասնում եմ և կհասնեմ այս կյանքում իմ թրով, և այս ամենը բխում է միմիայն նրա բարեհաճությունից, որ նա թույլ է տալիս ինձ իր ստրուկը լինելու։
― Ա՜խ, ձերդ ողորմածություն, ― բացականչեց Սանչոն, ― ի՜նչ վատ գլուխ եք ունեցել դուք։ Դե, ասացեք, տեր իմ, մի՞թե ձերդ ողորմածությունը մտածում է դատարկ տեղը անել այդ ճամփորդությունը և կամովին բաց թողնել այսքան նշանավոր, այսքան հարուստ մի ամուսնություն, որ ներկայանում է ձեզ, որ իբրև օժիտ բերում է ձեզ մի ամբողջ թագավորություն, որ, ազնիվ խոսք, շուրջ քսան հազար մղոն տարածություն է բռնում և որ առատ է կյանքի համար անհրաժեշտ բոլոր բարիքներով և որ ավելի մեծ է, քան Պորտուգալին և Կաստիլիան միասին։ Սուս արեք, ի սեր Աստծո, ավելի լավ է ամաչեք ձեր խոսքերից և հետևեք իմ խորհրդին և ― հավատացեք ինձ ― անհապաղ ամուսնացեք առաջին իսկ ավանում, որտեղ քահանա գտնվի, թե չէ մեր լիցենցիատն էլ փառավորապես կպսակի։ Նկատի առեք, որ ես հասել եմ այն հասակին, որ կարող եմ խորհուրդներ տալ և տվածս խորհուրդը ձեզ սազում է ձեռնոցի պես։ Ավելի լավ է ճնճղուկը ձեռքում, քան ուրուրը երկնքում։ Ով որ ունի լավը և ընտրում է վատը, եթե նրա համար վատ չլինի, թող ուրիշներից գանգատավոր լինի։[136]
― Լսի՛ր, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― եթե դու ինձ միմիայն նրա համար ես խորհուրդ տալիս ամուսնանալ, որպեսզի ես, հսկային սպանելուց հետո շուտով թագավոր դառնամ և կարողանամ կատարել տվածս խոստումը, թափել վրադ շնորհներ, ապա իմացած եղիր, որ ես առանց ամուսնության էլ շատ հեշտ կարող եմ բավարարել քո ցանկությունը։ Որովհետև պայքարի մեջ մտնելուց առաջ ես պայման կկնքեմ, ըստ որում իմ հաղթության դեպքում թագավորության կեսը տան ինձ, անգամ եթե ես չկամենամ իշխանուհուն առնել և այն ժամանակ ես կարող կլինեմ այդ կեսը նվիրել ում որ կամենամ։ Իսկ երբ որ ստանամ ― էլ ո՞ւմ պիտի նվիրեմ, եթե ոչ քեզ։
― Պարզ բան է, ― պատասխանեց Սանչոն։ ― Սակայն հոգ տարեք դուք, ձերդ ողորմածություն, որ այդ կեսը ծովեզրյա լինի, որովհետև եթե ինձ այն տեղերը դուր գալու չլինեն, ես իմ հպատակ֊նեգրերին նավ կբառնամ և նրանց հետ կանեմ այն, ինչ որ առաջ ասել եմ։ Հոգ միք տանի, ձերդ ողորմածություն, ներկայիս տիրուհի Դուլսինեայի մոտ գնալու, այլ իսկույն ևեթ գնացեք հսկային սպանելու, և վերջացնենք այդ գործը։ Որովհետև, Աստված վկա, ես այն կարծիքին եմ, որ մենք դրանից մեծ պատիվ և շատ օգուտ կքաղենք։
― Դու արդարացի ես, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Կրկնում եմ, որ ես կհետևեմ քո խորհրդին՝ նախքան Դուլսինեային ներկայանալը գնալ իշխանուհու հետ։ Սակայն խնդրում եմ ոչ ոքի չասես, անգամ մեր ուղեկիցներին, թե մենք ինչ որոշումի ենք հանգել։ Որովհետև Դուլսինեան այնքան շրջահայաց է, որ չի կամենում, որ իր մտքերն իմանան, հարմար չէ, որ իմ կամ մի ուրիշի միջոցով իմացվեն։
― Որ այդպես է, ― ասաց Սանչոն, ― ապա ինչո՞ւ ձերդ ողորմածությունը կարգադրում է տիրուհի Դուլսինեային ներկայանալու բոլորին, ովքեր հաղթահարված են ձեր ձեռքով։ Չի՞ հաստատում դա արդյոք և նման չէ՞ ձեր անունը ստորագրելուն, թե դուք նրան սիրում եք և թե նա ձեր սիրուհին է։ Ստիպելով, որ հաղթվածները գնան չոքեն նրա առջև և ասեն իրեն, որ ձեր կողմից են գալիս՝ բերելու իրենց հնազանդությունը, ապա ինչպե՞ս եք կամենում ծածկել ձեր ընդհանուր մտքերը։
― Օ՜, ինչ պարզամիտն ու անփորձն ես դու, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե դու չես տեսնում, որ այդ ամենը նպաստում են նրա առավել մեծ փառքին։ Իմացած լինես, որ մեր ասպետական սովորություններով տիկնոջ համար մեծ պատիվ է, երբ որ նրան շատ թափառական ասպետներ են ծառայում, և այլ բան չեն խորհում, բայց եթե ծառայել նրան, առանց ակնկալելու այլ վարձատրություն իրենց լավ ծառայության համար, քան եթե նրա կողմից ընդունված լինել իրենց լավ ծառայության համար, քան եթե նրա կողմից ընդունված լինել իր կավալերների շարքը։
― Ես լսել եմ մեր քահանայի քարոզը, ― պատասխանեց Սանչոն, ― թե նման սիրով պետք է տեր Աստծուն սիրել միմիայն նրա համար, առանց պարգևի հույսի և առանց պատժի ահի։ Թե ինձնից հարցնելու լինես՝ ես կուզենայի նրան սիրել և ծառայել որևէ բանի համար։
― Սատանան տանի բռի մարդկանց, ― ասաց դոն Կիխոտը, ― մեկ֊մեկ դու այնպիսի բաներ ես ասում, որ մարդ ստիպված է լինում կարծել, թե դու ուսում ես առել։
― Իսկ ես, Աստված վկա, կարդալ էլ չգիտեմ, ― վրա բերեց Սանչոն։
Այդ րոպեին վարպետ Նիկոլասը ձայն տվեց, որ նրանք կանգ առնեն, որովհետև խումբը որոշել էր հանգիստ առնել մի փոքրիկ աղբյուրի մոտ, որ ճամփի վրա էր։ Դոն Կիխոտը մոտեցավ մյուսներին։ Սանչոն շատ գոհ մնաց, որովհետև երկար ժամանակ սուտ էր ասում և վախենում էր ամեն վայրկյան, որ կբռնվի, որովհետև նա թեև գիտեր, թե Դուլսինեան տոբոսցի գեղջկուհի է, բայց նրան իրեն օրում տեսած չկար։ Այդ ժամանակամիջոցում Կարդենիոն հագել էր Դորոթեայի հանած շորը, որ թեև շատ էլ լավը չէր, բայց դարձյալ իր ցնցոտիներից լավ էր։ Ամենքը վեր եկան աղբյուրի մոտ և հագեցրին իրենց տանջող քաղցը՝ ուտելով այն, ինչ որ քահանային հաջողել էր ճարել պանդոկում։
Մինչդեռ նրանք ուտում էին, մի տղա անցավ ճամփով, որ կանգ առավ, որպեսզի ուշադրությամբ զննի, թե ովքեր են նստած աղբյուրի մոտ։ Ապա, նկատելով դոն Կիխոտին, նա վազելով մոտեցավ և, գրկելով նրա ծնկները, սկսեց լալ՝ ասելով․
― Ա՜խ, սինյոր, մի՞թե դուք չեք ճանաչում ինձ։ Ես այն փոքրիկ Անդրեասն եմ, որին կապկպել էին կաղնու ծառից և որին ձերդ ողորմածությունը արձակեց։
Դոն Կիխոտը ճանաչեց նրան, բռնեց նրա ձեռքից և, դառնալով ներկա եղողներին ասաց․
― Հիմա, սինյորներ, դուք կարող եք համոզվել, թե որքան կարևոր են թափառական ասպետները աշխարհին։ Նրանք են վերականգնում արդարությունը և վրեժ առնում սրիկա և անառակ մարդկանց հասցրած վիրավորանքների համար։ Իմացած եղեք, սինյորներ, մոտ օրերս, անցնելով այս անտառից, ես լսեցի ճիչ ու հեծկլտանք, կարծես թե չարչարում ու տանջում էին։ Մղված պատասխանատվությանս զգացմունքից՝ ես վազեցի դեպի այն տեղը, որտեղից գալիս էին այդ աղաղակները և տեսա կապած մի կաղնուց այս տղային։ Ես շատ ուրախ եմ, որ նա ձեր առջև է, որովհետև նա մի վկա է, որ թույլ չի տա մի բան սուտ ասեմ։ Նա կապված էր կաղնուց, գլխից մինչև գոտետեղին մերկ։ Նրա կողքին ես մի գյուղացի տեսա (որ, ինչպես հետո իմացա, իր տերն էր), որը գանակոծում էր նրան մադիանի սանձափոկով։ Ես նրանից հարցրի այդքան դժնի վարմունքի պատճառը։ Բռի գյուղացին ինձ պատասխանեց, թե պատժում է, որովհետև իր ծառան է, և նրա մեղքը ախմախություն չէ, այլ գողություն։ ― Չհավատաք, սինյոր, ― պատասխանեց տղան, ― նա ինձ գանահարում է, որովհետև ես խնդրում եմ իմ վարձը։ Տերը կամեցավ արդարանալ, սակայն ես նրա արդարացումը չընդունեցի։ Կարճ՝ ես հրամայեցի արձակել երիտասարդին և անպիտանից խոսք վերցրի, որ նա կտանի տղային տուն և կվճարի նրան մինչև վերջին ռեալը, տոկոսն էլ վրան։ Ճիշտ չէ՞ այս ամենը, Անդրես որդի։ Հիշո՞ւմ ես որքան ազդու պատվիրեցի ես նրան և ինչ խոնարհությամբ նա խոստացավ կատարել ամենը, ինչ որ ես հայտարարեցի, պատվիրեցի, կարգադրեցի։ Պատասխանիր, մի շփոթվիր ու մի վախիր։ Ասա այս սինյորներին ամենը, ինչ որ պատահել է, որպեսզի նրանք տեսնեն և գնահատեն, թե որքան օգտակար են լինում բանուկ ճանապարհների վրա թափառական ասպետները։
― Բոլորը, ինչ որ ասաց ձերդ ողորմածությունը, ― պատասխանեց ջահել տղան, ― ճշմարիտ է։ Սակայն գործը միանգամայն այլ կերպ շուռ եկավ, դուք չե՛ք էլ կարծի։
― Ինչպե՞ս այլ կերպ, ― հարցրեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե անպիտանը քեզ չի վճարել։
― Ոչ միայն չի վճարել, այլև հազիվ էիք դուք դուրս եկել անտառից և մենք մենակ մնացել, որ նա նորից ինձ կապեց միևնույն կաղնուց և այնքան խփեց զանգուի փոկով, որ ես սուրբ Բարդուղիմիոսի օրն ընկա՝ կաշիս քերթվեց։ Եվ յուրաքանչյուր հարված հասցնելիս նա կատակում էր՝ ծաղրելով ձերդ ողորմածությանը, և եթե ես այնքան տանջվելիս չլինեի, ինքս էլ կծիծաղեի նրա խոսքերի վրա։ Կարճ՝ նա ինձ այն օրը գցեց, որ ես մինչև օրս հիվանդանոցում պառկած եմ եղել, որպեսզի բժշկվեմ վերքերից, որ ինձ հասցրեց այդ անպիտան գյուղացին։ Այդ ամենի մեղքը ձերդ ողորմածությանն է, որովհետև եթե դուք ձեր ճամփով ընթացած լինեիք, առանց մեջ մտնելու, ուր որ ձեզ չեն կանչում, և առանց խառնվելու ուրիշի գործերին, իմ տերը կբավականանար մեկ կամ երկու տասնյակ հարվածով, ապա թե կարձակեր և կվճարեր իր պարտքը։ Սակայն ձերդ ողորմածությունը նրան այնքան անտեղի վիրավորեց և նրան այնքան վատ֊վատ բաներ ասաց, որ նա կատղեց։ Եվ, չկարողանալով ձեզնից վրեժ լուծել, երբ որ մենակ մնաց, նա ողջ կատաղությունը ինձ վրա թափեց, այնպես որ ես իմ օրում այլևս կարգին մարդու նման չեմ լինի։
― Վատ եղավ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ես գնացի։ Ես չպիտի գնայի, մինչև որ նա վճարեր։ Որովհետև ես, երկար փորձից պիտի իմացած լինեի, որ անպիտանը իր խոսքը չի պահի, եթե տեսնի, որ շահ չունի պահելու։ Սակայն դու պետք է մտաբերես, Անդրես, որ ես երդվեցի, եթե նա քեզ չվճարի, ապա ես կվերադառնամ նրա ետևից և կգտնեմ նրան, անգամ եթե նա կետ ձկան որովայնում թաքնված լինի։
― Այդ ճիշտ է, ― պատասխանեց Անդրեսը, ― սակայն դրանից բան դուրս չեկավ։
― Դու կտեսնես՝ մի բան դուրս կգա, թե ոչ։
Այս խոսքերի վրա դոն Կիխոտը վեր կացավ և պատվիրեց Սանչոյին թամքել Ռոսինանտին, որ նրանց հաց ուտելու միջոցին արածում էր։
Դորոթեան հարցրեց դոն Կիխոտից, թե նա ինչ է մտադիր անելու։ Նա պատասխանեց, թե մտադիր է գնալու, որ գտնի գյուղացուն, պատժելու նրա խոստարաության համար և վճարել տալ Անդրեսին մարավեդիսը՝ աշխարհիս բոլոր անպիտանների ջիգրու։ Դորոթեան նրան պատասխանեց, թե համաձայն նրա տված խոստմանը, նա ոչ մի բան չպիտի ձեռնարկի, մինչև իր գործը չդրստի, այնպես որ նա պիտի խաղաղացնի իր սրտի շարժումները մինչև իր թագավորության հետ վերադարձնելը։
― Դուք արդարացի եք, ― ասաց դոն Կիխոտը։ ― Պետք է որ Անդրեսը համբերի։ Ես մեկ էլ խոսք տալիս, որ չեմ հանգստանա, մինչև որ նրա վրեժը չլուծեմ և վճարել չտամ նրան։
― Ես այդ երդումը բանի տեղ չեմ դնում, ― ասաց Անդրեսը, ― ես աշխարհիս բոլոր վրեժխնդրությանը կնախընտրեի, որ այս րոպեիս միջոց ունենայի Սևիլյա հասնելու։ Տվեք ինձ մի բան, թե ունեք և Տերն ընդ ձեզ, թափառական ասպետների։ Թող նրանց բախտը իրենց համար նույնքան բերի, ինչքան ինձ համար բերեց։
Սանչոն իր պարկից հանեց հաց ու պանիր և, տալով տղային, ասաց նրան․
― Վերցրեք, Անդրես որդիս, մենք ամենքս ցավակցում ենք ձեզ ձեր դժբախտության համար։
― Ի՞նչ չափով եք ցավակցում, ― հարցրեց Անդրեսը։
― Այս քեզ տված հաց ու պանրի չափ, որ Աստված միայն գիտե՝ տալու է մեզ, թե ոչ, որովհետև թափառական ասպետների զինակիրները ենթակա են սովի, աղետների և այլ անհարմարությունների, որ ավելի դյուրին է կրել, քան պատմել։
Անդրեսը վերցրեց հաց ու պանիրը և, տեսնելով, որ այլևս ոչ ոք նրան բան չի տալիս, գլուխը քաշ շարունակեց իր ուղին։ Միայն դոն Կիխոտին հրաժեշտ տալով ասաց․
― Ի սեր Աստծու, սինյոր թափառական ասպետ, եթե դուք մի անգամ էլ ինձ հանդիպելու լինեք, անգամ եթե ինձ կտոր֊կտոր անելիս էլ տեսնեք՝ մի օգնեցեք և թողեք մնամ դժբախտությանս մեջ, որովհետև նա չի կարող այնքան մեծ լինել, որքան այն, որ կթափվի վրաս ձեր օգնությունից։ Աստված անիծի ձեզ և աշխարհիս երեսին եղած բոլոր թափառական ասպետներին։
Դոն Կիխոտը ուզում էր վեր կենա, որ պատժի նրա հանդգնությունը, սակայն Անդրեսը այնպես էր վազ տալիս, որ ոչ ոք ցանկություն չունեցավ նրան հետապնդել։ Դոն Կիխոտը սաստիկ շփոթված էր Անդրեսի պատմությունից, իսկ մնացածները մեծ ճիգ ու ջանքով աշխատում էին չփռթկալ, որ նրան ավելի ևս չշփոթեցնեն։
Գլուխ XXXII
Ուր պատմվում է, թե ինչ պատահեց դոն Կիխոտի ամբողջ խմբին իջևանում
Ճաշ անելուց հետո խումբը ճամփա ընկավ և առանց հիշատակության որևէ պատահարի հետևյալ օրը հասավ Սանչոյի ահ ու զար իջևանին։ Սանչոն կգերադասեր խուսափել ներս մտնելուց, սակայն այն նրան չհաջողվեց։ Պանդոկի տերը, տիրուհին, նրանց աղջիկն ու Մարիտորնեսը, տեսնելով դոն Կիխոտին ու Սանչոյին, ընդառաջ վազեցին, բարձրաձայն արտահայտելով իրենց ուրախությունը։ Մեր ասպետը նրանց ընդունեց ծանր ու զուսպ՝ խնդրելով նրանցից, որ իրեն տան ավելի լավ անկողին, քան անցյալ անգամ։ Պանդոկապանուհին պատասխանեց, որ եթե նա ավելի լավ վճարելու լինի, իշխանական անկողին կունենա։ Դոն Կիխոտը համաձայնեց, և նրա համար պատրաստեցին մի բավական տանելի անկողին, նույն տեղը, որ նախընթաց անգամ գրավել էր նա։ Նա իսկույն ևեթ պառկեց, որովհետև սաստիկ հոգնած էր և միտքը մռայլ։
Հազիվ էր նա փակել իր սենյակի դուռը, երբ պանդոկապանուհին մոտեցավ դալլաքին և, բռնելով նրա միրուքից ասաց․
― Ազնիվ խոսք, ես թույլ չեմ տա, որ դուք իմ կովի պոչից ձեզ համար միրուք շինեք։ Իսկույն ևեթ ետ տվեք։ Թե չէ մարդուս իքը․․․ ասել կուզե՝ սանրը, որ ես սովորաբար կախում եմ այդ պոչից, ամոթ է ասել, ընկած է հատակի վրա։
Դալլաքը չէր ուզում վերադարձնել, իսկ պանդոկապանուհին քաշում էր, որքան ուժը պատում էր։ Սակայն լիցենցիատը կարգադրեց որ տա, ասելով, թե նա այլևս կարիք չունի այդ փեշակը բանեցնելու և որ նա կարող է դիմակազերծ լինել և ցուցադրել իր իսկական կերպարանքը, իսկ դոն Կիխոտին ասել, թե տաժանակիր աշխատանքի դատապարտվածների ձեռքով կողոպտվելուց հետո նա փրկվել է այս պանդոկում։ Իսկ եթե դոն Կիխոտը հարցնելու լինի, թե որտեղ է իշխանուհու զինակիրը, նրան կպատասխանեն, որ նախապես ճամփա է գցված, որպեսզի լուր տա թագավորության մեջ, թե շուտով կգա իշխանուհին իր փրկչի հետ միասին։ Դրանից հետո դալլաքը սիրով տվեց պանդոկապանուհուն եզան պոչը և բոլոր այն առարկաները, որ վերցրել էր նրանից դոն Կիխոտին փրկելու համար։
Բոլոր իջևանում գտնվողները զարմացած էին մնացել Դորոթեայի գեղեցկությունից, ինչպես և երիտասարդ հովիվ Կարդենիոյի սիրուն արտաքինից։ Քահանան զբաղվեց հացի պատրաստություն տեսնելով, և պանդոկապանը, հուսալով ավելի լավ վարձատրություն ստանալ, քան անցյալ անգամ, նրանց համար պատրաստեց բավական լավ ճաշ։ Այս ամբողջ միջոցին դոն Կիխոտը քնած էր, և նրանք վճռեցին չզարթնեցնել նրան, որովհետև նրանք այն կարծիքին էին, թե այդ պահին նրա համար քունը ավելի օգտակար է, քան կերակուրը։ Ճաշի միջոցին պանդոկապանի, նրա կնոջ, աղջկա, Մարիտորնեսի և բոլոր ճամբորդների ներկայությամբ խոսք բացվեց դոն Կիխոտի տարօրինակ խելագարության մասին և թե ինչպես կարողացան նրան գտնել։ Պանդոկապանուհին պատմեց այն ամենը, ինչ որ եղել էր դոն Կիխոտի և ջորեպանների միջև և, տեսնելով, որ Սանչոն ներկա չէ, պատմեց, թե ինչպես նրան վերմակի վրա վեր֊վեր գցեցին, մի բան, որ մեծ զվարճություն պատճառեց բոլոր հասարակությանը։ Եվ, երբ որ քահանան ավելացրեց, թե դոն Կիխոտի գլուխը խառնվել է ասպետական գրքերի ընթերցանությունից, պանդոկապետը նկատեց․
― Չեմ հասկանում, թե ինչպես կարող է այդ պատահել, որովհետև, ճշմարիտ խոսք, իմ կարծիքով, աշխարհիս երեսին ավելի լավ ընթերցանության գրքեր չկան։ Այլևայլ թղթերի մեջ ես երկու֊երեք հատ ունեմ այդ գրքերից և, ճիշտն ասած, նրանք կյանք են տվել ոչ միայն ինձ, այլև շատ ուրիշներին։ Որովհետև երբ որ հունձի ժամանակը հասնում է, տոն օրերին հավաքվում են այստեղ բազմաթիվ հնձվորներ, որոնց մեջ միշտ մի գրագետ մեկը գտնվում է։ Նա վերցնում է մեկն ու մեկը այդ գրքերից, և մենք երեսունից ավելի հոգով բոլորում ենք նրա շուրջը և այնպիսի հաճույքով ենք ունկնդրում նրան, որ մեր գլխից հազար ճերմակ մազ է պակսում։ Գալով ինձ՝ ես ձեզ կասեմ, թե երբ որ ես լսում եմ կատաղի և սարսափելի հարվածների մասին, որ հասցնում են թափառական ասպետները, իմ մեջ էլ է ցանկություն ծագում նույնն անելու, և ես կլսեի այդ ընթերցանությունը գիշեր֊ցերեկ։
― Ես է՛լ, ― ասաց նրա կինը, ― որովհետև ես տանը մի վայրկյան հանգիստ չունեմ, բացի այն ժամանակից, երբ որ դուք ընթերցանություն եք լսում․ դուք այնքան եք զմայլված լինում, որ մոռանում եք բղավելը։
― Ճիշտ է, ― ասաց Մարիտորնեսը, ― ազնիվ խոսք, ես էլ եմ հաճույք ստանում լսելուց, երբ որ կարդում են այդ պատմությունները, որ այնքան գեղեցիկ են, մանավանդ, երբ պատմվում է, թե մի տիկին նարինջենիների տակ իր կավալերի գրկում է, մինչդեռ պառավ նաժիշտը հսկում է, նախանձից ու ահից մեռնելով։ Ինձ համար դա ոնց որ մեղր լինի։
― Իսկ դուք, սինյորիտա, ― դարձավ քահանան պանդոկապանի աղջկան, ― ի՞նչ կարծիքի եք դրա մասին։
― Ես իմ հոգիս, սինյոր, ― պատասխանեց նա, ― չգիտեմ։ Ես լսում եմ, թեև, ճիշտն ասած, բան չեմ հասկանում, բայց բավականություն եմ ստանում լսելուց։ Սակայն ինձ դուր չեն գալիս այն հարվածները, որ այնքան հավանում է իմ հայրը։ Ես ավելի եմ սիրում գանգատները, որ անում են ասպետները իրենց տիկինների բացակայության միջոցին։ Ճշմարիտ խոսք, երբեմն ես լաց եմ լինում ցավակցությունից։
― Եթե նրանք ձեզ համար լաց եղած լինեին, սինյորիտա, ― ասաց Դորոթեան, ― դուք կգայի՞ք և կսփոփեի՞ք նրանց։
― Չգիտեմ, թե ինչ կանեի ես, ― պատասխանեց աղջիկը, ― մի բան գիտեմ միայն՝ այդ տիկիններից ոմանք այնքան խստասիրտ են, որ ասպետները նրանց անվանում են վագրուհի, առյուծուհի և այլ գեշ անուններով։ Հիսուս Քրիստոս, այդ ի՞նչ կանայք են, անհոգի և անխիղճ, որ անուշադիր են թողնում պատվավոր մարդկանց, թողնում են, որ նրանք մեռնեն, կամ խելագարվեն։ Ես չգիտեմ, ինչի՞ է պետք նրանց նազ ծախելը՝ խոհեմությունի՞ց է արդյոք, որ մարդու գնան այդ ասպետներին, սակայն ասպետները ավել բան չեն խնդրում։
― Սուս, ախչի, ― ասաց պանդոկապանուհին, ― ասես թե շատ ես հասկանում այդ բաներից։ Փոքրիկ աղջիկը ոչ իմանա պիտի, ոչ էլ խոսի այդ բաներից։
― Քանի որ սինյորը հարցնում է ինձնից, ― պատասխանեց աղջիկը, ― ես պարտավոր եմ նրան պատասխանելու։
― Շատ բարի, ― ասաց քահանան, ― սինյոր պանդոկապան, բերեք, խնդրեմ այդ գրքերը՝ տեսնեմ։
― Սիրով, ― պատասխանեց պանդոկապանը։ Նա ներս մտավ իր սենյակը, այնտեղից դուրս բերեց մի փոքրիկ սնդուկ, շղթայով կապված, բաց արեց և միջից հանեց երեք մեծ գիրք և մի քանի պարզ ընթեռնելի ձեռագիր։ Առաջին բաց արած գիրքը Դոն Սիրոնխիլիս Թրակիացի֊ն էր, երկրորդը՝ Ֆելիսմարտե Հիրկանացի֊ն, իսկ երրորդը՝ Մեծ կապիտան Գոնսալո Հերնանդես կորդովցու պատմությունը Դիեգո Գարսիա դե Պարեդեսի կենսագրության հետ միասին։ Կարդալով առաջին երկու վերնագիրը՝ քահանան շուռ եկավ դեպի վարպետ Նիկոլասը և ասաց նրան․
― Մեզ պակասում է մեր բարեկամի տնտեսուհին և նրա քրոջ աղջիկը։
― Կարիք չկա, ― պատասխանեց դալլաքը, ― ես ինքս շատ լավ կտանեմ անասունների բակը կամ կգցեմ վառարանը, որի մեջ, ի դեպ, թեժ կրակ կա։
― Ինչպե՞ս թե, ― ասաց պանդոկապանը, ― դուք մտադիր եք իմ գրքերը այրելո՞ւ։
― Մենակ այս երկուսը՝ դոն Սիրոնխիլիոն և Ֆելիսմարտեն։
― Ի՞նչ կա որ, ― վրա բերեց պանդոկապանը, ― այդ գրքերը հերետիկոսական են կամ հրաձգայի՞ն, ի՞նչ է։
― Դուք կամենում եք ասել հերձվածային, ― վրա բերեց վարպետ Նիկոլասը։
― Ճիշտ է, ― ասաց պանդոկապանը, ― սակայն եթե դուք անպայման ուզում եք այրած լինել, ապա վերցրեք Մեծ Կապիտանը և Դիեգո Գարսիան, որովհետև ավելի շուտ ես իմ զավակներին կթողեմ այրեն, քան մնացածները։
― Եղբայրս, ― ասաց քահանան, ― այս երկու գիրքը ստախոս են և լի ցնդաբանությամբ, մինչդեռ Մեծ Կապիտանը ճշմարտապատում պատմություն է, որ պարունակում է Գոնցալո Հերնանդես դե Պարեդեսի կենսագրությունը, որը իր վեհ գործերով և փայլուն սխրագործություններով արժանացել է Մեծ Կապիտան անվանումին, հռչակավոր ու փայլուն մի անվանում, որ նրան է միայն արժանի։ Գալով Դիեգո դե Պարեդեսին՝ դա պատվելի մի ասպետ է, ծնված Էստրամադուրի Տրուխիլլոյում, արի զինվոր և այնպիսի զարմանալի ուժի տեր, որ մեկ մատով կանգհեցնում էր ջրաղացաքարը, երբ որ վերջինս ամբողջ թափով աշխատում է։ Մի անգամ, կամուրջի վրա կանգնած, զինված լինելով մեկ թրով, նա խանգարեց, որ ամբողջ մի զորք անցնի այդ կամուրջով։ Նա այնքան ուրիշ քաջագործություններ էլ է կատարել, որ եթե ինքը պատմած չլիներ իր մասին ազնվականի համեստությամբ և մի մարդու, որ ինքն է իր սեփական պատմաբանը, այլ մի ուրիշը նկարագրած լիներ, միանգամայն անկաշկանդ և անկողմնակալ, նրա քաջագործությունները մոռանալ կտային Հեկտորինը, Աքիլլեսինը և Ռոլանդինը։
― Այ քեզ հրաշք բան, ― պատասխանեց պանդոկապանը։ ― Ձեզ զարմացնում է մի ջրաղացի քար կանգնեցնե՞լը։ Աստված վկա, ձերդ ողորմածություն, արժե որ դուք կարդաք Ֆելիսմարտե Հիրկանացուն, որ թրի մի զարկով հինգ հսկա կես֊կես արեց, ոնց որ լորի, որոնցից երեխաները տիկնիկ են շինում։ Իսկ մի ուրիշ անգամ նա մեն֊մենակ հարձակվեց մի անթիվ զորքի վրա, բաղկացած ավելի քան մեկ միլիոն վեց հարյուր հազար զինվորից, բոլորը ոտից գլուխ զինված և նա փախուստի ենթարկեց նրանց, ինչպես ոչխարի հոտ։ Եվ ի՞նչ կասեք նմանապես Սիրոնխիլիո Թրակիացուց, որի մասին պատմությունը հաղորդում է, այլ քաջագործությունների թվում, թե մի անգամ, գետի վրա նավարկելիս, նա տեսավ, որ մի հրեղեն օձ դուրս եկավ ջրից, նա հարձակվեց օձի վրա, հեծավ վրան, սկսեց սեղմել նրա կոկորդը այնպիսի ուժով, որ օձը, զգալով, որ խեղդվում է, ուրիշ ճար չունեցավ, քան եթե ընկղմվել ջրի տակ, քաշ տալով հետը ասպետին, որ ոչ մի դեպքում չէր ուզում նրան բաց թողնել։ Եվ երբ որ նրանք ներքևում էին, ասպետը այնքան գեղեցիկ արքունիք և այգի մտավ, որ հրաշք բան էր։ Օձը կերպարանափոխվեց և մի ծերուկ դառավ ու այնպիսի բաներ բաց արավ, որ անկարելի է ասել։ Չէ, ի՞նչ եք ասում, սինյոր, եթե դուք այդ ամենը կարդացած լինեիք, հաճույքից ձեր խելքը կթռչեր։ Իսկ Մեծ Կապիտանի և Դիեգո Գարսիայի համար ես երկու թուզ էլ չէի տա։
Դորոթեան, լսելով այդ խոսակցությունը, կամացուկ ասաց Կարդենիոյին․
― Մեր պանդոկապանին քիչ է պակասում, որ դոն Կիխոտի թայը դառնա։
― Ես էլ եմ այդ կարծիքին, ― ասաց Կարդենիոն, ― որովհետև, ըստ այս խոսակցության, նա այդ գրքերում բոլոր նկարագրված բաները համարում է իրականություն, կատարված ոչ ավելի ոչ պակաս, քան նրանց մեջ ասված է և կարմելյան ոտաբոպիկ վարդապետն էլ չի կարող նրան համոզել հակառակը։[137]
― Սակայն ուշ դարձրեք, ― ասաց քահանան, ― եղբայր, երբեք գոյություն չի ունեցել ոչ Ֆելիսմարտե Հիրկանացին, ոչ դոն Սիրոնխիլիո Թրակիացին, ոչ էլ ուրիշ նման ասպետ, որոնց մասին պատմում են վեպերը։ Բոլոր այդ պատմությունները պատրանք են, որ պատկերել են պարապ մտքերը, ինչպես դուք ասացիք, ժամանակ սպանելու համար, ինչպես անում են մեր հնձվորները՝ կարդալով այդ հեքիաթները։ Որովհետև, կրկնում եմ և երդվում, աշխարհիս երեսին երբեք չեն ապրել ոչ նման ասպետներ, ոչ էլ նման ցնդաբանություններ են եղել։
― Ուրիշին ասացեք, ― պատասխանեց պանդոկապանը, ― կասես թե ես չգիտեմ՝ ձեռքիս վրա քանի մատ կա, կամ թե որ տեղն է կոշիկս սեղմում։ Ինձ ալրախառն կաթ խմացնելու կարիք չկա, ես հո երեխա չեմ։ Դուք շատ բարի եք՝ ինձ ասելով, որ այս գրքերի բոլոր պատմությունները սուտ և ապուշ բաներ են, մինչդեռ նրանք տպագրված են թագավորական խորհուրդի անդամների թույլատվությամբ, կարծես թե նրանք այնպիսի մարդիկ լինեն, որ թույլ տան տպագրել այնքան հեքիաթ, այնքն կռիվներ, այնքան կախարդանք, որ ընդունակ են մարդուս խելքահան անել։
― Ես արդեն ասացի ձեզ, բարեկամս, ― առարկեց քահանան, որ այդ արած է և թույլատրած է մեզ պարապ ժամանակ զվարճություն պատճառելու համար։ Եվ, ինչպես որ բարեկարգ պետություններում թույլատրված է լինում շախմատի, գնդակի կամ բիլիարդի խաղը զվարճանալ ցանկացողներին, ով որ չպետք է և չի կարող աշխատել, ճիշտ այնպես էլ թույլատրվում է վեպեր հրատարակել, որովհետև ենթադրվում է ― իրականության մեջ այդպես էլ լինում է, ― որ չի գտնվի այնպիսի մի տխմար, որ այդ պատմությունները ճշմարտության տեղ դնի։ Եթե ինձ թույլատրված լիներ և եթե իմ ընկնդիրները կամենային, ապա ես կասեի, թե ինչպես պետք է գրել, լավ ասպետական վեպեր, թերևս իմ խոսքերը շատերի համար և՛ օգտակար, և՛ հաճելի լինեին։ Սակայն ես հույս ունեմ, որ ժամանակով ինձ կհաջողի դրա մասին խոսել մարդկանց հետ, որոնք կարող են ցավը դարմանել, իսկ հիմա, սինյոր պանդոկապան, հավատացեք իմ խոսքերին։ Ահա ձեզ ձեր գրքերը, ինքներդ որոշեցեք, թե նրանցում ինչն է ճշմարիտ, ինչը սուտ, և թող այդ գրքերը ձեզ համար օգտավետ լինեն։ Աստված տա, որ դուք էլ չկաղեք նույն ոտով, ինչ որ ձեր կենվոր դոն Կիխոտը։
― Օ՜, ես այդ գործում չկամ, ― ասաց պանդոկապանը, ― ես դեռ չեմ գժվել, որ թափառական ասպետ դառնամ։ Ես շատ լավ տեսնում եմ, որ հիմա այնպես չեն վարվում, ինչպես վաղ ժամանակ էին անում, երբ որ այդ փառապանծ ասպետները ման էին գալիս աշխարհով մեկ։
Այս խոսակցության միջոցին ներս էր մտել Սանչոն։ Նա մնաց մտամոլոր ու շփոթ, երբ որ լսեց, որ այլևս թափառական ասպետներ չեն լինում և որ բոլոր ասպետական գրքերը ստի և խելագարության հյուսվածք են։ Եվ նա իր մեջ վճռեց սպասել, թե ինչով կավարտվի իր տիրոջ ճամփորդությունը, և եթե իր սպասածի չափ բարաբխտ վախճանի չհանգի՝ թողնել դոն Կիխոտին և վերադառնալ իր կնոջ, երեխաների մոտ և վերսկսել իր սովորական աշխատանքը։ Իսկ պանդոկապանն արդեն տանում էր սնդուկն ու գրքերը, որ քահանան ասաց նրան․
― Մի քիչ սպասեցեք, ես ուզում եմ տեսնել, թե ի՞նչ գեղեցիկ ձեռագրեր են դրանք։
Պանդոկապանը տվեց նրան ձեռագրերը։ Դա մի տետր էր՝ մոտ ութ թերթից, վերնագիրը՝ անխոհեմ հետաքրքիրը, նորավեպ։ Քահանան մի քանի տող անցկացնելուց հետո ասաց․
― Այս նորավեպի վերնագիրը ես հավանում եմ, կուզենայի կարդալ ամբողջապես։
― Ձերդ ողորմածությունը կարող է կարդալ, որովհետև նա մեծ հաճույք է պատճառել իմ հյուրերից մի քանիսին, որ կարդացել են և շատ խնդրել, որ տամ իրենց։ Սակայն ես չեմ կամեցել նրանց տված լինել, մտադիր լինելով վերադարձնել այս սնդուկի տիրոջը, որ մոռացել֊թողել է այստեղ և կարող է պատահել, որ մեկ էլ անցնի այստեղից, որովհետև թեև ես պանդոկապան եմ, բայց քրիստոնյա էլ եմ և թեև ես անկասկած ափսոսալու եմ այս գրքերից բաժանվելու համար, այնուհանդերձ կամենում եմ վերադարձնել։
― Դուք միանգամայն արդարացի եք, բարեկամ, ― ասաց քահանան, ― բայց եթե նորավեպը ինձ դուր գալու լինի, դուք առնվազն թույլ կտաք, որ ես պատճենը հանեմ։
― Ի բոլոր սրտե, ― պատասխանեց պանդոկապանը։
Կարդենիոն արդեն վերցրել էր ձեռագիրը և կարդում էր։ Նա էլ քահանայի կարծիքին հանգեց և խնդրեց վերջինից, որ բարձր ձայնով կարդացվի։
― Ամենայն սիրով, ― պատասխանեց քահանան, ― բայց քնելու ժամանակ չէ՞ արդյոք։
― Այդ ընթերցանությունն ինձ համար հանգիստ կլինի, ― ասաց Դորոթեան, ― որովհետև միտքս բավականաչափ հանգիստ չէ, որպեսզի թույլ տա ինձ քնելու, թեև քնի կարոտ եմ։
― Որ այդպես է, ― ասաց քահանան, ― ես կբավարարեմ ձեր հետաքրքրությունը։ Թերևս հաճույք էլ ստանանք։
Վարպետ Նիկոլասն ու Սանչոն միացան մյուսներին, որ համոզեն քահանային։ Քահանան էլ, տեսնելով, որ բոլորը փափագում են, ինչպես որ ինքը, ասաց․
― Ուշադի՛ր եղեք բոլորդ, ես սկսում եմ։
Գլուխ XXXIII
Ուր պատմվում է անխոհեմ հետաքրքիրի վեպը
Ֆլորենցիայում, Իտալիայի հարուստ ու հռչակավոր քաղաքում, Տոսկանայի գավառում, երկու հարուստ ու անվանի ազնվականներ էին ապրում՝ Անսելմո և Լոտարիո, այնքան մտերիմ, որ բոլոր նրանց ծանոթները նրանց անունը դրել էին «երկու բարեկամ»։ Երկուսն էլ երիտասարդ էին, ամուրի, միևնույն հասակի, միատեսակ բնույթի և այդ համապատասխանությունը ավելի ևս նպաստում էր, որ նրանց մերձությունը ավելի սերտ լինի։ Անսելմոն ավելի եռանդուն սիրային հաճույք էր փնտրում, մինչդեռ Լոտարիոն նախընտրում էր որսը։ Սակայն հաճախ մարդիկ տեսնում էին, որ Անսելմոն զոհում էր իր ճաշակը Լոտարիոյին՝ անտառները հետևելու համար, և Լոտարիոն մոռանում էր որսը՝ Անսելմոյին հետևելու համար։ Այսպես համակերպվում էր նրանց կամքը, ինչպես լավ ստուգված ժամացույցի սլաքներն են միասին ընթանում։
Անսելմոն խելահեղորեն սիրում էր մի օրիորդի նույն քաղաքից, այնքան գեղեցիկ, այնքան խոհեմ և այնպիսի լավ օջախից, որ Լոտարիոյի խորհուրդով, առանց որի նա երբեք գործ չէր բռնում, վճռեց նրա ծնողներից թույլտվություն խնդրել ամուսնանալու նրա հետ։ Լոտարիոն հանձն առավ այդ առաքելությունը և վարեց այնպիսի վարպետությամբ, որ կարճ ժամանակ հետո Անսելմոն տեսավ իրեն իր փափագած երջանկության տեր։ Կամիլան էլ, իր կողմից, այնքան գոհ էլ այդ ամուսնական միությունից, որ չէր դադարում գոհություն տալ Աստծուն, ապա Լոտարիոյին, որին նա պարտական էր այդ երջանկության համար։ Ամուսնության առաջին օրերին, որ սովորաբար նվիրված են լինում հարսանեկան տոնակատարության, Լոտարիոն շարունակում էր այցելել իր բարեկամին, ինչպես սովորույթն է, պատվելու նրան այնքան, որքան որ հնարավոր է։ Սակայն հենց որ հարսանիքն ավարտվեց և հյուրերի և շնորհավորողների թիվը նվազեց, Լոտարիոն սկսեց ավելի քիչ հաճախել (ինչպես յուրաքանչյուր խոհեմ մարդ կվարվեր), համոզված լինելով, որ չի կարելի ամուսնացած բարեկամների մոտ նույնքան ազատ գնալ֊գալ, ինչպես այդ լինում է ամուրի ժամանակ։ Որովհետև թեև բարի և իսկական բարեկամությունը չի կարող և չպետք է բնավ կասկած ունենա, այնուհանդերձ ամուսնու պատիվը այնքան փափկանկատ բան է, որ կարող է վիրավորված լինել անգամ եղբորից, ուր մնաց թե բարեկամից։ Անսելմոն իսկույն նկատեց Լոտարիոյի սառնությունը։ Նա գանգատվեց չարաչար և ասաց, որ երբեք չէր ամուսնանա, եթե իմանար, որ ամուսնությունը խոչընդոտ է հանդիսանալու նրանց սովորական հաճախումներին։ Որ եթե սերտ միության համար, որ իշխում էր նրանց միջև իրենց ամուրի ժամանակ, մարդիկ նրանց «երկու բարեկամ» անունն են տվել, ապա պետք չէ նրանցից մեկի զգուշավորության պատճառով կորցնել այդ մականունը, այնքան պատվաբեր ու գեղեցիկ։ Նա աղերսեց, եթե միայն բարեկամությունը թույլ է տալիս նման արտահայտություն, որ Լոտարիոն առաջվա պես լիակատար տեր լինի իր տանը, գա ու գնա առաջվա պես, հավատացնելով, որ իր ամուսինը՝ Կամիլան, այլ բավականություն ու ցանկություն չունի, քան եթե իր ներշնչածը և որ տեղեկանալով նրանց մտերմության մասին, նա էլ է զարմացած մնացել այդ սառնությունից։ Բոլոր այս փաստարկումներին, որ Անսելմոն բերում էր Լոտարիոյին համոզելու համար, որ առաջվա պես գնա֊գա իր մոտ, վերջինս պատասխանեց այնպիսի խոհեմությամբ, այնքան խելացի և զուսպ, որ Անսելմոն հավատաց նրա բարի միտումներին և նրանք պայմանավորվեցին, որ Լոտարիոն շաբաթը երկու անգամ և տոն օրերին գա ճաշի։ Սակայն չնայած այդ պայմանին, Լոտարոն վճռել էր, որ ոչինչ չպիտի անի, ինչ որ կարող է վնասել իր բարեկամի պատվին, որ իր սեփականից ավելի թանկ էր իր համար։ Լոտարիոն հաճախ ասում էր նրան ― և ուներ իրավունք, ― թե այն մարդը, որին երկինքը գեղեցիկ կին է շնորհել, խնամքով պիտի քննի բարեկամներին, որոնց ընդունում է իր տանը և կանանց, որոնց հետ շփվում է կինը, որովհետև այն, ինչ որ գլուխ չի գալիս եկեղեցիներում, հասարակական հրապարակներում կամ թե չէ ժողովրդական տոներին և ուխտագնացություններին (տեղեր, ուր մարդը չի կարող միշտ արգելել կնոջը գնալու) կարող է հեշտությամբ կատարվել բարեկամ կամ հավատարիմ կնոջ տանը։ Լոտարիոն ցուցադրում էր, թե որքան անհրաժեշտ է ամուսիններին ունենալ հավատարիմ բարեկամ, որ նախազգուշացներ նրանց տունը կառավարելու մեջ հնարավոր սխալներից, որովհետև հաճախ պատահում է, որ ամուսինները, կուրացած իրենց կանանց սիրուց և, վախենալով նրանց վշտացնել, օգնության չեն հասնում բարի խորհուրդով անել կամ չանել այս կամ այն բանը, որ կարող է վարկաբեկել իրենց պատիվը և առաջ բերել վիրավորանք։ Մինչդեռ այդ անփութության մասին բարեկամի կողմից նվազագույն նախազգուշացված լինելու դեպքում հեշտությամբ կարելի է դրանց առաջն առնել։ Սակայն որտեղի՞ց գտնել այդքան սրտաբաց, այդքան ուղղամիտ, այդքան ազնիվ բարեկամ, որ պահանջում է Լոտարիոն։ Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Լոտարիոն միայն կարող էր լինել, որ այնքան արթուն հսկում էր Անսելմոյի պատվին, որ այլևայլ պատրվակներով խուսափում, կրճատում ու սահմանափակում էր նրա մոտ գնալ֊գալը, որպեսզի պարապ ու չարամիտ մարդկանց տեղիք չտա չարախոսելու, տեսնելով որ մի հարուստ մարդ, ազնվական և հազար ու մի լավ հատկություններով օժտված, ինչպես իրեն էր թվում, հաճախում է Կամիլայի պես գեղեցիկ կնոջ տունը։ Եվ թեև տիկնոջ առաքինությունն ու համեստությունը կարող էին սանձահարել ամենաչարախոս լեզուները, այնուհանդերձ Լոտարիոն չէր կամենում նրա և իր բարեկամի պատիվն ու բարի անունը վտանգի ենթարկել։ Ուստի այն օրերը, երբ նա պիտի Անսելմոյի մոտ ճաշեր, հաճախ նա այլ գործով էր զբաղվում և հավատացնում էր, որ այդ գործերը՝ անհետաձգելի են։ Իսկ երբ բարեկամները հանդիպում էին, ապա ողջ ժամանակը գնում էր մեկի գանգատների և մյուսի արդարացումների վրա։ Մի անգամ, երբ որ նրանք քաղաքից դուրս զբոսնում էին դաշտում, Անսելմոն ասաց Լոտարիոյին․
― Դու, Լոտարիո, բարեկամս, անտարակույս, կարծում ես, որ ես պիտի հազար շնորհակալություն ուղղեմ Աստծուն, որ ծնվել եմ պատվավոր ծնողներից, որ ինձ վրա առատ ձեռքով թափվել են բնության բարիքները և հարստությունը։ Ես պակաս պարտական չեմ Աստծուն, որ նա ինձ քեզ պես բարեկամ է տվել և Կամիլայի պես կին։ Այդ բարիքները ես գնահատում եմ, եթե ոչ այն չափով, որքան ես պարտավոր եմ, ապա առնվազն այնչափ, որչափ ի վիճակի եմ։ Եվ ահա, բոլոր այս պարգևներով հանդերձ, որ սովորաբար կազմում են մարդկային ողջ երջանկությունը, ես աշխարհիս երեսին ամենից հիասթափված և դժբախտ մարդն եմ։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ է, ես տանջվում եմ մի ցանկությունից, որ այնքան տարօրինակ է, այնքան արտասովոր, որ ինքս ինձնից զարմանում եմ։ Ես պարսավում եմ ինքս ինձ և ուզում եմ ծածկել իմ սեփական մտքից, սակայն ինձ համար նույնքան դժվար է վերացնել նրան, որքան պատմել արար֊աշխարհին։ Բայց քանի որ, միևնույն է, ես չեմ կարողանա երկար ժամանակ ներփակել նրան իմ կրծքում, ես նախընտրում եմ հավատալ քո ազնվությանը, համոզված լինելով, որ ջանքը, որով քո բարեկամությունը կաշխատի բուժել նրան, շուտով կազատի ինձ ճնշող տագնապից և իմ խելագարության հասցրած ցավը կփոխվի գոհացումով, որ կտա ինձ քո հոգատարությունը։
Լոտարիոն, զարմացած Անսելմոյի խոսքերից, չգիտեր, թե ինչով է ավարտվելու այս երկար առաջաբանը կամ ներածությունը։ Նա մտքով որոնում էր, թե ինչ ցանկություն կարող է ունենալ իր բարեկամը, սակայն չէր կարողանում գտնել։ Այդ տանջանքներին վերջ դնելու համար նա ասաց Անսելմոյին, որ անարդարացի է նրանց մտերիմ բարեկամության հանդեպ այդքան ոլորապտույտ ճամփաների դիմելը իր գաղտնի մտքերը բանալու համար, մինչդեռ նա պետք է վստահ լինի, որ կստանա խորհուրդ, թե ինչպես վարվի կամ օգնություն՝ բուժելու իր ցավերը։
― Դու արդարացի ես, ― պատասխանեց Անսելմոն, ― և դու սիրտ ես տալիս ինձ խոստովանելու, որ ինձ տանջող ցանկությունն է իմանալ՝ արդա՞րև Կամիլան այնքան լավ ու հավատարիմ կին է, ինչպես ես եմ կարծում։ Միակ միջոցը, որ կարող է ինձ համոզել, դա փորձելն է, այնպես որ նրա հավատարմությունը դրսևորվի, ինչպես կրակի միջոցով ճանաչվում է ոսկու որակը։ Որովհետև ես այն կարծիքին եմ, ով բարեկամ, որ կինը չի կարող լավ ու առաքինի կոչվել, եթե ենթարկված չի եղել փորձության։ Հավատարիմը նա է, որի սիրտը չեն շարժել սիրահարների խոստումները, նվերները, արցունքները և անընդհատ համառությունը։ Կարելի՞ է լավ համարել մի կնոջ, եթե ոչ ոք նրան տեղիք չի տվել լավ լինելու։ Մի՞թե զարմանալի է, որ կինը երկչոտ ու շրջահայաց է, եթե նրան տեղիք չեն տալիս ազատ վարվելու, կամ թե չէ, եթե գիտե, որ առաջին իսկ հանցանքի համար իր ամուսինը ընդունակ է սպանել նրան։ Չի կարելի համեմատել մի կնոջ, որ խոհեմ է երկյուղից կամ առիթ չլինելուց այն կնոջ հետ, որ ենթարկվել է փորձության, հետապնդումի և դուրս եկել պայքարից հաղթական պսակով։ Բոլոր այդ և ուրիշ շատ պատճառներով, որ ես կարող էի բերել իբրև արդարացում և հաստատում իմ կարծիքի, ես ցանկանում եմ, որ իմ կինը՝ Կամիլան անցնի այս փորձությունը, որ նա մաքրվի հրում թախանձնանքների և հետապնդումների մի մարդու, որ արժանի է նրա սիրուն։ Եթե, ինչպես ես հույս ունեմ, նա դուրս գա փառքով, ես կհամարեմ, որ երջանկությունն աննման է, իմ ցանկությունների անոթը լեփ֊լեցուն կլինի, ես կասեմ, որ բախտը ինձ առաքինի կին է տվել, որի մասին իմաստունն ասել է․ «Ո՞վ կգտնի նրան»։[138] Իսկ եթե այլ կերպ կատարվի, քան ես եմ կարծում, ճշմարտությունից հաղթահարված լինելու հաճույքը կթեթևացնի ցավը, որ պիտի պատճառի ինձ այսքան թանկ մի փորձ։ Հիմա, սիրելի Լոտարիո, ոչ մի առարկություն, որ դու կարող ես բերել, ընդունակ չի լինելու ինձ շեղել իմ ծրագրից․ միակ շնորհը, որ ես քեզնից խնդրելու եմ, դա այն է, որ դու քեզ տրամադրես, որպես գործիք այս գործում, իմ ցանկության առարկա։ Ես կընձեռեմ բոլոր միջոցները կատար ածելու, առանց մոռանալու մի բան, որ ընդունակ է շարժել մի պատվավոր, համեստ, հանգիստ ու անշահախնդիր կնոջ սիրտը։ Մի հանգամանք էլ, որի պատճառով ես վճռել եմ հատկապես քեզ ընտրել այս դժվարին ձեռնարկի համար այն է, որ եթե դու հաղթահարելու լինես Կամիլայի խոհեմությունը, ես ներքուստ համոզված եմ, որ դու չես կամենա անցնել սահմանը, այլ կատարված կհամարես այն, ինչ որ մարդկային հայացքով ագրելվում է անել։ Ես վիրավորված կլինեմ սոսկ մտադրությունից և իմ խայտառակությունը սղողված կլինի քո լռության ստվերների մեջ և լռությունդ, քանի որ ինձ է վերաբերում, պետք է լինի հավիտենական, ինչպես մահը։ Այսպիսով, բարեկամս, եթե դու կամենում ես, որ ես դեռևս վայելեմ այն, ինչ որ կարելի է կյանք անվանել, ապա դու պետք է փութաս սկսել այս սիրային պայքարը ո՛չ սառն ու դանդաղ, այլ տաք ու եռանդուն, ինչպես պահանջում է իմ ծրագիրը և իմ հավատը քո նկատմամբ ու բարեկամությունը, որ միացնում է մեզ։
Այդպես ասաց Անսելմոն Լոտարիոյին, որ լսում էր նրան ուշի֊ուշով և բացի մեր մեջ բերած մի քանի խոսքից, շուրթը բաց չարեց, մինչև որ նա ավարտեց։ Իսկ երբ որ Անսելմոն վերջացրեց, Լոտարիոն երկար նայում էր նրան, ասես առաջին անգամն էր տեսնում և կարծես բարեկամի դեմքը նրան երկյուղ ու զարմանք էր ներշնչում։ Վերջապես նա ասաց․
― Չեմ կարող համոզել ինքս ինձ, ո՜հ բարեկամ Անսելմո, որ քո ասածը կատակների մի հյուսվածք չէ։ Որովհետև եթե ես կարծեի, թե դու լուրջ ես խոսում, ապա ես կզգուշանայի քեզ ունկնդրելուց և այսպիսով վերջ կդնեի քո երկար ճառին։ Ես համոզված եմ, որ կամ դու ինձ չես ճանաչում, կամ ես չեմ ճանաչուն քեզ։ Սակայն ոչ, ես գիտեմ, որ դու Անսելմոն ես, դու էլ գիտես, որ ես Լոտարիոն եմ։ Սակայն ափսոս, որ դու առաջվա Անսելմոն չես և, երևի, կարծում ես, թե ես էլ չպիտի առաջվանը լինեմ, որովհետև այն, ինչ որ ինձ նոր ասացիր, չի կարող իմ բարեկամ Անսելմոյից ելնել և այն Լոտարիոյից, որին դու ճանաչել ես, դու նման ծառայություն չէիր կարող խնդրել։ Բարի բարեկամները փորձում են իրար, ինչպես պոետն է ասում, usque od aras,[139] ասել կուզե, թե չի կարելի օգտագործել բարեկամին Աստծուն հակառակ գործերում։ Եթե այդ ճշմարտությունն ակնհայտ է եղել մի հեթանոսի համար, որքան ավելի ակնբախ պիտի լինի քրիստոնյայի համար, որ գիտե, թե ոչ մի սեր չպիտի մեզ աչքաթող անել տա մեր պարտականությունը Աստծո հանդեպ։ Եթե մարդ ընդունակ է մոռանալու իր պարտականությունը երկնքի նկատմամբ, որպեսզի միմիայն իր բարեկամով զբաղվի, դա պետք է առնվազն այն դեպքում, եթե նրան պատվի վարկաբեկում կամ կյանքի վտանգ սպառնալու լինի և ոչ թե չնչին և նշանակություն չունեցող մի բանի համար։ Ուստի, ասա ինձ, Անսելմո, ի՞նչ վտանգ է սպառնում քո պատվին կամ կյանքին, որպեսզի ես պարտավոր լինեմ քո խաթրը պահել, կատարելով այնքան զզվելի գործ, որ դու ինձնից պահանջում ես։ Իհարկե և ոչ մի վտանգ։ Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ դու խնդրում ես ինձնից զրկել քեզ և միաժամանակ ինձ պատվից և կյանքից։ Որովհետև զրկել քեզ պատվից նույնը չէ՞, թե զրկել կյանքից։ Չէ՞ որ պատվազուրկ մարդը մեռածից վատ է։ Եվ ես, ինչպես դու ես խնդրում, լինելով այնքան վատ մի գործիք, ինձ անպատված կնկատեմ և, հետևաբար, կարող եմ ինձ նաև մեռած համարել։ Լսիր ինձ, Անսելմո բարեկամ, համբերություն ունեցիր և մի պատասխանիր ինձ, մինչև որ ես չասեմ այն ամենը, ինչ որ կարծում եմ քո առաջարկի մասին՝ դու ժամանակ կունենաս ինձ առարկելու և ես՝ լսելու քեզ։
― Համաձայն եմ, ― ասաց Անսելմոն, ― քո ուզածն ասա՛։
Լոտարիոն շարունակեց․
― Ինձ թվում է, Անսելմո, թե քո միտքը հիմա նման է մավրի մտքին, որին չի կարելի համոզել իրենց հավատի ստությունը ո՛չ սուրբ ավետարանի քաղվածքներով, ո՛չ բանական դատողությունների վրա հիմնված փաստարկներով, կամ հավատի դավանաբանությամբ։ Նրանց շոշափելի օրինակներ են հարկավոր՝ թեթև, դյուրըմբռնելի, առարկայական ու անհերքելի, մաթեմատիկական ապացույցներով, որոնց չի կարելի չհամաձայնել, հետևյալ օրինակի պես՝ եթե երկու հավասար քանակից հանելու լինենք երկու հավասար մասեր, ապա մնացորդներն էլ հավասար կլինեն։ Եվ երբ նրանք այդ էլ չեն հասկանում (ինչպես հաճախ պատահում է), հարկ է լինում նրանց ցույց տալ ձեռներով, նրանց աչքը կոխել և վերջին հաշվով երբեք հնարավոր չի լինում նրանց համոզել մեր հավատի ճշմարտությունը։ Ես հարկադրված եմ նույն միջոցները գործադրել նաև քո նկատմամբ, որովհետև կիրքը այնքան է շփոթեցրել քեզ, և քո ցանկությունը այնքան հեռու է հիմնավոր լինելուց, որ ես ժամավաճառ կլինեի, եթե բացատրելու լինեի քո պարզամտությունը, ես այլ կերպ բացատրել չեմ կարող։ Եթե բարեկամությունը չլիներ, որ արգելում է ինձ խիստ վարվել և լքել քեզ քո գտնված բացահայտ վտանգավոր տեղում, ես կթողնեի, որ դու պատժվես քո ցնորքների և ցնդաբանության համար։ Մտիկ արա, Անսելմո, թե ի՜նչ ես խնդրում ինձնից։ Դու ուզում ես, որ ես սեր ներշնչեմ մի համեստ կնոջ, հրապուրեմ մի պատվավոր կնոջ, նվերներ տամ մի անշահասեր կնոջ, մի առաքինի կնոջ գլուխը տանեմ։ Այո՛, դու ինձ հենց այդ ասացիր։ Սակայն, եթե դու գիտես, որ քո կինը համեստ, պատվավոր, անշահասեր ու առաքինի է, ապա էլ ի՞նչ ես ուզում։ Եվ եթե դու կարծում ես, որ նա իմ գրոհներից հաղթական դուրս կգա, ինչպես անտարակույս դուրս կգա, ի՞նչ ավելի պատվաբեր անուններ ես ավելացնելու իր ունեցածներին, ի՞նչ կատարելություն ձեռք կբերի նա։ Կամ թե չէ դու նրան այնպիսի կին չես համարում, ինչպես որ ասում ես, ինչո՞ւ ես ուզում նրան փորձած լինել։ Ավելի լավ չէ՞ իսկույն ևեթ նրան նրան անես այն, ինչ որ քեզ լավ է թվում։ Իսկ եթե նա առաքինի է, ապա ի՞նչ ես կարծում հանդգնություն չէ՞ փորձել ճշմարտությունը, որ փորձելուց հետո էլ մազաչափ չի փոխելու հիմա հենց ունցած կարծիքդ։ Արդարացի է ասված, որ միայն անմիտ ու անհույս մարդիկ են այնպիսի գործ բռնում, որից ավելի շուտ վնաս կարելի է սպասել, քան օգուտ, մանավանդ երբ ոչ ոք չի դրդում կամ ստիպում նրանց և եթե առաջուց պարզ է, որ այդ գործը կատարյալ խելագարություն է։ Դժվարին գործերին ձեռնամուխ են լինում սովորաբար կա՛մ Աստծո համար, կա՛մ աշխարհի, կա՛մ երկուսի համար միասին։ Աստծո համար գործ են կատարում սուրբ մարդիկ, որ մարդկային մարմնի մեջ ապրում են հրեշտակային կյանքով։ Աշխարհիս համար գործ են կատարում մարդիկ, որ անծայրածիր ծովեր են լողում֊անցնում, թափառում են զանազան երկիրներ, այցելում օտար ժողովուրդներ, որպեսզի ձեռք բերեն այն, ինչ մենք կենսական բարիքներ ենք անվանում։ Վերջապես, երկուսի համար միասին արի զինվորներն են գործ կատարում։ Նկատելով թշնամու պատում ճեղքվածք, նրանք, մոռանալով երկյուղը, առանց խորհելու և դատողություն անելու իրենց սպառնացող բացահայտ վտանգի մասին, անընդհատ առաջ են նետվում հազար ու մի մահվան ընդառաջ, թևավորված ցանկությամբ պատշտպանելու հավատը, հայրենիքը և թագավորին։ Ահա թե ինչ գործեր են կատարվում աշխարհիս երեսին և թեև նրանք լեցուն են դժվարություններով ու վտանգներով, սակայն բերում են պատիվ, փառք և օգուտ։ Սակայն այն, որ դու ես ձեռնարկում ու մտմտում, չի ծառայի Աստծու փառքին և չի բերի քեզ ո՛չ պատիվ, ո՛չ էլ կենսական բարիքներ։ Որովհետև եթե այնպես հաջող վերջանալու լինի, ինչպես դու ես կամենում, էլի դրանից դու չես դառնա ոչ առավել հռչակավոր, ոչ հարուստ, ոչ պատվելի։ Իսկ եթե վատ վերջանալու լինի, ապա դու ամենադժբախտ մարդը կլինես և բանի պետք չի լինի այն միտքը, որ ոչ ոք չգիտե քո դժբախտության մասին, որովհետև քո տանջանքի համար այն էլ է բավական, որ դու ինքդ այդ գիտես։ Այս ճշմարտությունը հաստատելու համար ես կբերեմ այն տները, որոնցով վերջանում է Լուիս Տանսիլլո բանաստեղծի[140] Սուրբ Պետրոսի արցունքը հռչակավոր պոեմայի առաջին մասը։
Աճում է վիշտն ու զղջումն է մեծանում,
Երբ Պետրոսը տեսնում լույսը պայծառ,
Չկա ոչ ոք, սակայն ցավն է խորանում,
Մեղանչել է ինքը իր դեմ վատաբար։
Չէ՞ որ զղջումն ազնիվ սրտում չի ծնվում
Նախատինքով, մեղադրանքով ուրիշի,
Անբաժան են այնտեղ հանցանք ու զղջում,
Թեկուզ մեղքը երկնին լինի լոկ հայտնի։
Այդպես էլ քո վիշտը չի թեթևացնի գաղտնիքը։ Դու անընդհատ արցունք կթափես։ Եվ, եթե քո աչքերը հրաժարվելու լինեն, քո սրտից կհոսի արյուն֊արցունք, այն դյուրահավատ բժշկի պես, որ փորձի ենթարկեց դյութական գավաթի միջոցով, մի բան, որ խոհեմաբար իմաստուն Ռինալդոն հրաժարվեց փորձելուց։[141] Թեև այս օրինակը բանաստեղծական հերյուրանք է, այնուհանդերձ նրա մեջ խրատ է թաքնված, որ պետք է նկատի առնել, ըմբռնել և յուրացնել։ Սակայն ես ուզում եմ վերջ տված լինել համոզելու քեզ քո սխալը։ Ասա ինձ, Անսելմո, եթե երկինքը, կամ քո բարի բախտը քեզ մի հրաշալի ադամանդի տեր դարձրած լիներ, որի մաքրությունը, փայլն ու արժեքը գոհացնեին ամենաճարտար ակնավաճառներին, և նրանք համարեին այդ քարը իր սեռի մեջ ամենակատարյալը, և եթե դու ինքդ էլ նույն կարծիքի լինեիր, արդյոք խոհե՞մ բան կլիներ, եթե քո խելքին փչելու լիներ նրան դնել զնդանի վրա և զարկել ուժգնորեն մուրճով, որպեսզի փորձած լինես՝ արդյոք նա այնքան ամո՞ւր է, ինչպես դու կարծում ես, և ենթադրենք, թե քարը դիմանար այս կոպիտ փորձին, մի՞թե այդ մի բան կավելացներ նրա արժանիքին, նրա արժեքին։ Եթե քարը ջարդվեր (մի բան, որ հնարավոր է), մի՞թե ամեն ինչ կորած չէր լինի և այդպիսի գեղեցիկ փորձի հնարողը մի՞թե հիմար չէր համարվի։ Իմացած եղիր, Անսելմո բարեկամս, ահա այդ ադամանդը Կամիլան է, ինչպես քո կարծիքով, այնպես էլ շրջապատի։ Արդարացի՞ կլիներ նրան զնդանի վրա դնելը։ Եթե նա դիմանալու լինի, մի՞թե նա առաջվանից ավելի արժեք կունենա։ Իսկ եթե տեղի տալու լինի՝ խորհիր ապա, թե ինչ կլինի քո վիճակը առանց նրան և որքան հիմնավոր հարկադրված ես լինելու մեղադրել քեզ՝ նրա և քո կործանման համար։ Հասկացիր, որ աշխարհիս երեսին հավատարիմ կնոջից ավելի թանկագին ադամանդ չկա, որ կնոջ պատիվը միմիայն լավ կարծիքն է, որ մենք ունենք նրանց մասին և որ քո կնոջ վարքը այնքան մաքուր է, ինչքան կարելի է բաղձալ, թեև դու այդ ճշմարտությունը կարծես թե կասկածի ես ենթարկում։ Հիշի՛ր, որ կինը անկատար էակ է։ Պետք չէ թակարդ լարել նրանց ոտերի տակ, որպեսզի նրանք սայթաքեն և ընկնեն մեջը, այլ ընդհակառակը՝ պետք է վերացնել բոլոր խոչընդոտները, որ նրանց ճամփան դյուրանա, որպեսզի նրանք կարողանան հասնել իրենց պակասող կատարելության, որ է՝ լիակատար առաքինության։ Բնագետները պատմում են, թե կզաքիսը մի փոքրիկ գազան է, որի մորթը ծայրաստիճան սպիտակ է և թե երբ որ որսորդները կամենում են նրան բռնել, նրանք այսպիսի խորամանկություն են գործադրում՝ նրանք նկատում են, թե ինչ արահետով է սովորաբար ընթանում և այնպես կեղտ են թափում, ապա թե քշում են նրան այն տեղը․ երբ որ կզաքիսը հասնում է կեղտով ծածկված տեղին, նա իսկույն կանգ է առնում և նախընտրում է, որ իրեն բռնեն ու սպանեն, քան թե մտնել ցեխի մեջ և փչացնել մորթի սպիտակությունը, մի բան, որ նա ազատությունից ու կյանքից վեր է դասում։ Պատվավոր ու պարկեշտ կինը՝ կզաքիսի է նման։ Նրա առաքինությունը, ամոթխածությունը նրան ձյունից ավելի մաքուր ու սպիտակ են դարձնում։ Այդ սպիտակությունը պահպանելու համար և խանգարելու համար, որ նա աղտոտի, պետք է միանգամայն այլ խորամանկություն գործադրել, քան այն, որ ծառայում է որսորդներին։ Չի կարելի նրան շրջապատել սիրահարների նվերների ու թախանձանքների կեղտով, որովհետև, երևի, և անգամ կարելի է ասել անպայման, բնությունը նրան չի օժտել այնպիսի ուժով ու տոկունությամբ, որպեսզի նա, առանց կողմնակի օգնության կարողանա խուսափել նման թակարդներից։ Պետք է վերացնել այդ խոչընդոտները և ցուցադրել նրանց միմիայն առաքինության գեղեցկությունը, փայլը, որ բխում է բարի համբավից։ Պատվավոր կինը հայելի է փայլուն ու ողորկ բյուրեղից՝ աննշան մի շնչից դառնում է մթամած ու միգասքող։ Պատվավոր կնոջ հետ պետք է վարվել սրբության պես՝ պաշտել և ձեռք չտալ, նկատել նրան որպես ծաղիկներով լեցուն գեղեցիկ մի պարտեզ, ուր չպիտի ոտ կոխել, ոչ էլ վարդ պոկել, որի չքնաղությամբ ու թարմությամբ հիանում են՝ նայելով ցանկապատի արանքից։ Ի վերջո, ես ուզում եմ ասել քեզ մի ոտանավոր արդի մի կատագերգությունից, որ մնացել է մտքումս և որի նյութը ինձ թվում է նման մեր քննարկածին։ Մի ողջամիտ ծերունի խորհուրդ է տալիս մի հոր լավ պահել իր աղջկան և հսկել նրան։ Ի միջի այլոց նա ասում է․
Ապակի է կինը կյանքում,
Ուստի պետք չէ նրան դատել․
Կարելի է կոտրել, հատել,
Ամեն ինչ հեշտ է աշխարհում։
Կոտըրվում է՝ կոտըրվի թող,
Հիմարը չի զգուշանում․
Նա՛ է միայն այդ քայլն անում՝
Ով նորոգել էլ չի կարող։[142]
Համաձայն են ողջն այդ մտքին․
Այո՛, ես էլ համաձայն․
Եթե մեր մեջ կա Դանայան՝
Ոսկյա անձրև կգա կրկին։
Այն ամենը, ինչ մինչև հիմա ասացի, Անսելմո, քեզ էր վերաբերում։ Դու ինձ թույլ կտաս մի խոսք էլ իմ մասին ասեմ։ Եվ եթե իմ խոսակցությունը քեզ երկար ու բարակ է թվում, ապա ներիր ինձ՝ այդ պահանջում է այս լաբիրինթոսը, որի մեջ գցել ես ինքդ քեզ և որից քեզ պետք է դուրս բերել։ Դու ինձ բարեկամ ես համարում և դու կամենում ես անպատվել ինձ, մի բան, որ հակասում է բարեկամությանը։ Եվ դու մենակ ինձ չես ուզում անպատվել, այլ պահանջում ես, որ ես էլ անպատվեմ, որ դու ուզում ես ինձ անպատված լինել՝ դա պարզ է, որովհետև երբ որ Կամիլան տեսնի, որ ես ձգտում եմ իրեն սիրել, ինչպես որ դու ես կամենում, նա ինձ կհամարի անազնիվ, անբարոյական մարդ, որ կարող է հղանալ այդպիսի զզվելի մի ծրագիր՝ այնքան հակասող մեր ընդհանուր բարեկամությանը, որ դու ուզում ես, որպեսզի քեզ ես անպատված լինեմ, դա ևս անկասկած է, որովհետև նույն Կամիլան հիմք կունենա կարծելու, որ ես նրան համարում եմ թեթևամիտ կին և դրա համար էլ հանդգնել եմ նրան իմ սիրո մասին ասելու։ Եվ անպատվությունը, որ ես կգցեմ նրա վրա, արդյոք չի՞ ընկնի նաև քո վրա, քանի որ նա քեզ է պատկանում։ Ահա՛, թե որտեղից է ծագում այն արհամարհանքը, որին ենթարկվում է դավաճանող կնոջ ամուսինը։ Եվ անգամ եթե նա իմացած չի եղել իր դժբախտությունը, եթե տեղիք տված չի դրան իր վարքով և եթե իր կարողությունից վեր է եղել դրա առաջն առնելու՝ նա պակաս չի ստորանում հասարակական կարծիքի մեջ և նրա մասին լոկ արգահատանքով են խոսում։ Նրան սովորաբար չեն հարգում, թեև այդ դժբախտությունը առաջ եկած լինի ավելի նրա կնոջ վատ հակումներից, քան իր անփութությունից։ Ես արծարծում եմ այն հիմքը, թե ինչու անհավատարիմ կնոջ ամունինն անարգվում է, թեև, ինչպես ես ասացի, նա չի իմանում իր դժբախտությունը, ինքը չէ պատճառը և ինքը չի առիթ տվել։ Ես կարծում եմ, որ այս զեղումը քեզ համար ձանձրալի չի լինի, որովհետև նա միմիայն հոգուտ քեզ է։ Սուրբ գիրքն ասում է՝ երբ որ Աստված ստեղծեց մեր նախահորը երկնային դրախտում, քուն առաքեց Ադամին և նրա քնած միջոցին ձախակողմյան կողը հանեց և ստեղծեց մեր նախամայր Եվային։ Ադամն արթնանալով տեսավ նրան և ասաց՝ ահավասիկ իմ միսն ու ոսկորը։ Ինքն Աստված ավելացրեց՝ ահա թե ինչու մարդը թողնելու է իր հորն ու մորը և երկուսով մի մարմին են կազմելու։ Այսպես հիմնվեց ամուսնության սուրբ կարգը, որի կապանքը կարող է քակել լոկ մահը։ Այդ կարգը այնպիսի ուժ ու ունակություն ունի, որ երկու տարբեր էակ մի հատիկ մարմին են կազմում և անգամ երջանիկ ամուսինները, որ երկու հոգի են ունենում, ունենում են լոկ մեկ կամք։ Դա նրանից է, որ կնոջ մարմինը ամուսնու հետ մեկ է և նրա պակասությունն ու անկատարությունն էլ ընկնում է մարդու մարմնի վրա, անգամ եթե մարդը մեղավոր չլինի։ Դա նույնն է, ինչպես ոտի կամ մարմնի այլ մասի ցավը զգում է ողջ մարմինը մինչև գլուխ, որովհետև դա միևնույն մարմինն է։ Նմանապես ամուսինները մաս ունեն իրենց կանանց անպատվությունից, որովհետև նրանք երկուսով մեկ են։ Սակայն որովհետև աշխարհիս պատիվն ու անպատվությունը միշտ բխում են միս ու արյունից, հետևաբար նաև վատ կնոջ անարգության մի մասը մարդու վրա պիտի ընկնի, անգամ եթե մարդը տեղյակ չլինի։ Միտք արա, Անսելմո, թե ի՜նչ վտանգի ես ենթարկում դու քեզ՝ ձգտելով խռովել խաղաղությունը քո արժանավոր ամուսնու։ Միտք արա ― պարապ և անմիտ հետաքրքրությունն է մղում քեզ վրդովելու այդ պարկեշտ կնոջ անդորրությունը։ Խորհի՛ր, որ այդ գործից դու շատ քիչ կշահես, իսկ կորցնելիքդ այնքան շատ կլինի, որ անհնար է ասել, խոսքերս հերիք չեն տա։ Իսկ եթե այն ամենը, ինչ ասացի, բավական չէ քո վատ մտադրությունից քեզ դարձնելու համար, ապա որոնիր քո դժբախտության և անպատկառության համար այլ գործիք, որովհետև ես չեմ լինելու, անգամ եթե կորցնելու լինեմ քո բարեկամությունը, մի բան, որ ինձ համար ամենազգալի կորուստ կլիներ։
Այդ ասելուց հետո առաքինի և խոհեմ Լոտարիոն լռեց, իսկ Անսելմոն այնքան ամոթահար ու մտամոլոր մնաց, որ բավական ժամանակ չկարողացավ մի խոսք պատասխանել։ Վերջապես նա ասաց․
― Դու տեսար, Լոտարիո բարեկամ, ինչ ուշադրությամբ ես լսեցի քեզ։ Քո փաստարկումներից, օրինակներից, նմանություններից ես ճանաչեցի քո խոհեմությունն ու գերագույն և անկեղծ բարեկամությունը։ Ես անգամ ընդունում եմ, որ եթե ես հետևելու լինեմ քո խորհուրդներին և կաշկանդված մնալու լինեմ իմ գաղափարներով, ես կփախչեմ բարիից չարին ընդառաջ վազելու համար։ Սակայն երևակայիր, որ ես հիվանդ եմ, ինչպես կանայք, որ հող, մոխիր, ածուխ և այլ ավելի վատթար բաներ են ուտում։ Երևակայիր, որ ես էլ եմ բռնված այդ հիվանդությամբ և ինձ բուժելու համար պետք է դիմել խորամանկության, և այդ դժվար չի լինի, եթե դու նույնիսկ առերես և թեթև փորձես գրավել Կամիլային։ Նա այնքան էլ թույլ չէ, որպեսզի առաջին իսկ փորձից իր պատիվը գետին գցի։ Գալով ինձ՝ ես կգոհանամ այդ փորձով, իսկ դու կատարած կլինես բարեկամությանդ պարտականությունը ոչ միայն վերակենդանացնելով ինձ, այլև համոզելով ինձ, որ ես պատվազուրկ չեմ։ Այն միտքը, որ ես վճռել եմ այդ փորձն անել, բավական է, որպեսզի համոզի քեզ չմերժել ինձ, որովհետև դու չես հանդուրժի, որ ես իմ խելագարությունը վստահեմ մի ուրիշ մարդու, մի բան, որ կվարկաբեկի ինձ, իսկ դու այնքան վախենում ես իմ վարկաբեկումից։ Գալով Կամիլային, դու չպիտի կանգ առնես այն բանի համար, որ նա վատ կարծիքի կլինի քո մասին, երբ տեսնի, որ դու ընկել ես իր ետևից, որովհետև հենց որ իմացանք փորձի հետևանքը, դու ազատ կլինես բանալու մեր խորամանկությունը և նա նորից կհարգի քեզ առաջվա պես։ Այսպիսով, քանի որ քեզնից քիչ բան է գնում այս փորձի համար, իսկ դու կարող ես ինձ անչափ բավարարել, ես աղաչում եմ, որ չմերժես ինձ, հաղթահարելով այն մի քանի դժվարությունները, որ դու գտնում ես, որովհետև ինչպես ասացի քեզ, հենց որ դու սկսես, ես փորձությունը ավարտած կհամարեմ։
Լոտարիոն տեսնելով, որ Անսելմոյի վճիռը հաստատ է, չիմանալով, թե այլևս ինչ փաստարկում ու նկատառում անի, ընդունակ համարելով նրան հաղորդելու իր խելագարությունը մի ուրիշին, մեծ դժբախտությունից խուսափելու համար որոշեց բավարարել նրան, սակայն հաստատ ծրագրով այնպես պահել իրեն, որ առանց Կամիլայի պարկեշտ զգացմունքները խռովելու կարողանա բավարարել իր բարեկամին։ Նա ասաց Անսելմոյին, որ պետք չէ ոչ ոքի հաղորդել այդ ծրագիրը, որ ինքը հանձնառու է լինում այդ գործին և կսկսի, երբ որ նա կամենա։ Անսելմոն քնքշորեն գրկեց նրան, հազար շնորհակալություն հայտնեց, ինչպես եթե աշխարհիս ամենամեծ ծառայությունը արած լիներ իրեն։ Նրանք պայմանավորվեցին, որ հետևյալ օրից նրանք գործի կանցնեն, որ Անսելմոն Լոտարիոյին հնարավորություն կընձեռնի Կամիլայի հետ առանձին հանդիպումներ ունենալու և որ կմատակարարի փող ու նվերներ Կամիլային ընծայելու համար։ Նա խորհուրդ տվեց, որ Կամիլայի համար երաժշտություն բերել տա, նրան ոտանավորներ նվիրի և եթե այդ դժվար թվա, ինքը կանի նրա փոխարեն։ Լոտարիոն ամեն բանի համաձայնեց, սակայն միանգամայն այլ մտադրությամբ, քան ուներ Անսելմոն։ Այսպես պայմանավորվելուց հետո նրանք դիմեցին դեպի Անսելմոյի տունը, որտեղ Կամիլան խռովահույզ սպասում էր իր ամուսնուն, որ սովորականից ուշ վերադարձավ։
Անսելմոն որ հասավ տուն, Լոտարիոն էլ իր տունը գնաց։ Անսելմոն նույնքան գոհ էր, որքան Լոտարիոն՝ մտամոլոր ու շփոթ։ Նա չգիտեր, թե ինչպես պատվով դուրս գա այսքան տխմար գործից, սակայն նույն գիշերը գտավ հնարը, ինչպես խաբի Անսելմոյին՝ առանց վիրավորելու Կամիլային։ Հետևյալ օրը նա գնաց Անսելմոյի մոտ ճաշի։ Կամիլան նրան սիրալիր ընդունեց։ Նա առանձին մտերմություն էր ցույց տալիս Լոտարիոյին, որովհետև գիտեր, որ սերտ կապով կապված է Անսելմոյին։ Ճաշից հետո Անսելմոն խնդրեց Լոտարիոյից, որ ընկերակցի Կամիլային մինչև որ նա վերադառնա մի տեղից, որտեղ նա գործ ունի մոտ ժամ ու կեսով։ Կամիլան կամեցավ խանգարել, որ նա տնից դուրս գա և Լոտարիոն փորձեց ուղեկցել նրան, սակայն Անսելմոն խուսափեց, հանձնարարելով կնոջը, որ Լոտարիոյին մենակ չթողնի և վեջինիս՝ սպասել իրեն, որովհետև հետը կարևոր խոսակցություն ունի։
Երբ որ Անսելմոն գնաց, Կամիլան ու Լոտարիոն մնացին մենակ սեղանի շուրջը, որովհետև ծառաները գնացել էին ճաշելու։ Լոտարիոն, իր բարեկամի ցանկության համեմատ, զգաց իրեն մի թշնամու առաջ, որ միմիայն իր գեղեցկությամբ կարող էր տեղն ու տեղը հաղթահարել սպառազինված ասպետների մի ամբողջ գունդ։ Տեսնում եք, որ Լոտարիոն ուներ տեղիք՝ երկյուղ կրելու։ Նա արմունկը դրեց բազկաթոռի թևքին, գլուխը հենեց ձեռքին և, Կամիլայից իր անքաղաքավարության համար ներողություն խնդրելով, ասաց, որ մինչև Անսելմոյի վերադարձը նա կկամենար մի քիչ նիրհել։ Կամիլան նրան պատասխանեց, որ շատ ավելի լավ կլինի թախտի վրա,[143] քան բազկաթոռի։ Սակայն նա կարևորություն չտվեց և պատրաստվեց քնելու։ Անսելմոն վերադառնալով, կնոջը գտավ իր սենյակում, իսկ Լոտարիոյին՝ քնած սեղանատանը և խորհեց, որ իր բացակայության երկար լինելու հետևանքով Լոտարիոն ժամանակ է ունեցել զրուցելու Կամիլայի հետ և ապա ննջելու։ Նա անհամբեր սպասում էր Լոտարիոյի արթնանալուն, որպեսզի հետը դուրս գա և տեղեկանա, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ որ նրանք մենակ մնացին, Լոտարիոն նրան ասաց, որ հարմար չի դատել միանգամից բացվել առաջին իսկ օրը, որ նա բացի Կամիլայի գեղեցկությունը գովաբանելուց բան չի արել և ասել է, թե ողջ քաղաքը նրանից է խոսում, նրա հրապուրանքից, նրա հազվագյուտ հատկություններից։ Նա ասաց, թե իրեն թվում է, որ սա լավ միջոց է տիկնոջ սիրտը գրավելու և տրամադրելու իրեն լսելու համար։ Նա համոզված է, որ դևն էլ այդ միջոցին է դիմում, երբ որ ուզում է խաբել մահկանացուին, որը զգաստորեն զգուշանում է նրա թակարդներից․ լինելով խավարի ոգի՝ նա կերպարանափոխվում է լույսի ոգու, գայթակղում է բարի դիտավորությունների ձև անելով, ապա թե բացվում է և իր ծրագիրը հասցնում իր վախճքնին, եթե միայն սկզբից ևեթ նրա ծրագիրը չի մերկացվել։
Այս ամենը դուր եկավ Անսելմոյին, որ ասաց, թե առանց տնից դուրս գալու նա հնարավորություն կտա նրան ամեն օր տեսնել Կամիլային, իբրև թե զբաղվում է գործով, սակայն այնպես, որ Կամիլան գլխի չընկնի իր խորամանկությունը։ Անցան մի քանի օրեր։ Լոտարիոն Կամիլային ոչ մի բառ չէր ասում, բայց Անսելմոյին հաղորդում էր, որ անընդհատ խոսում է նրա հետ, սակայն առայժմ նրա վարքի մեջ ոչ մի դատապարտելի բան չի նկատում և, մի խոսքով, հույսի և ոչ մի նշան չի տալիս։ Ընդհակառակը՝ նա սպառնում է պատմել իր ամուսնուն, եթե Լոտարիոն չփոխի իր վարմունքը։
― Շատ բարի, ― ասաց Անսելմոն, ― մինչև հիմա՝ Կամիլան դիմացել է խոսքերի դեմ։ Պետք է տեսնենք, կդիմանա՞ նա գործերի դեմ, վաղը ես կհանձնեմ երկու հազար դահեկան, որ դու առաջարկես նրան և կնվիրես և երկու հազար էլ, որ գոհարներ գնես, նրան հրապուրելու համար։ Կանայք կարող են առաքինի լինել, բայց որքան նրանք ավելի սիրուն են, այնքան ավելի հմայք ունի նրանց համար զարդարանքը։ Եթե Կամիլան այդ գայթակղության էլ դիմանա, ես բավարարված կլինեմ և այլևս քեզ չեմ չարչարի։
Լոտարիոն պատասխանեց, թե քանի որ ինքը գործն սկսել է, ուզում է մինչև վերջը հասցնի, և թե ինքը հույս ունի, որ այդ գործից դուրս կգա միանգամայն հաղթահարված։ Հետևյալ օրը նա ստացավ չորս հազար դահեկան, որ նրան չորս հազար հոգս էին պատճառում, որովհետև նա չգիտեր, թե ինչ սուտ դարբնի։ Վերջ ի վերջո նա վճռեց ասել, որ Կամիլան դիմանում է պարգևներին և խոստումներին նույնքան լավ, որքան և սիրո հայտարարություններին և որ անօգուտ է այլևս հոգնություն պատճառելը, որովհետև բոլոր այս փորձերը լոկ ժամանակի կորուստ են։ Սակայն բախտը այլ կերպ տնօրինեց։ Մի անգամ Անսելմոն, ըստ սովորականին, թողնելով Կամիլային մենակ Լոտարիոյի հետ, փակվեց հարևան սենյակում և դռան կողպեքի ծակից սկսեց նայել և ականջ դնել, թե նրանք ինչ են խոսում ու անում։ Եվ ահա նա տեսավ, որ ավելի քան կես ժամի ընթացքում Լոտարիոն բերանը բաց չարեց և մի հատիկ խոսք չի էլ արտասանի, անգամ եթե այնտեղ ամբողջ մի դար մնալու լիներ։ Նա գլխի ընկավ, որ Լոտարիոյի բոլոր ասածները Կամիլայի պատասխանների մասին կեղծ ու պատիր են։ Սակայն որպեսզի վերջնականապես ստուգած լինի, նա դուրս եկավ իր սենյակից, Լոտարիոյին մի կողմ քաշեց և հարցրեց նրանից, թե ինչ նոր բան կա և ինչ տրամադրություն է ցույց տալիս Կամիլան։ Լոտարիոն պատասխանեց, որ այլևս անկարող է երկար ժամանակ շարունակել այս դժվարին գործը, որ Կամիլան իրեն այնքան կոշտ ու կոպիտ է պատասխանում, որ ինքն այլևս խոսք չի գտնում նրան ասելու։
― Ա՜խ, Լոտարիո, Լոտարիո, ― ասաց Անսելմոն, ― ի՞նչ վատ ես պատասխանում ինձ քո պարտականության հանդեպ և այն մեծ հավատի հանդեպ, որ ես տածում էի դեպի քեզ։ Ես դուրս եմ եկել հարևան սենյակից, ես ականջ էի դնում, դու մի խոսք չասացիր Կամիլային, մի բան, որ ինձ կարծել է տալիս, թե դու նրան երբեք էլ բան չես ասել։ Եթե այդ այդպես է, իսկ ես չեմ կասկածում դրանում, ապա ինչո՞ւ ես խաբում և խորամանկությամբ խլում ինձնից միջոցը՝ իմ ծրագիրն ի կատար ածելու։
Անսելմոն այլևս բան չասաց և թողեց Լոտարիոյին շփոթ ու ամոթահար, զգալով պատվի խայթ իր սուտը բռնված լինելու համար։ Նա երդվեց Անսելմոյին, որ ապագայում իր ողջ կյանքը կգործադրի նրան գոհացնելու, որ այլևս չի խաբի, որ Անսելմոն թող ծածկուկ նայի, նա կհավատա, որ ինքը ճիշտ է ասում, և որ իր ճիգ ու ջանքը կցրեն Անսելմոյի կասկածները։ Անսելմոն հավատաց և որպեսզի Լոտարիոն կարողանար միանգամայն հարմար և առանց խոչնդոտների գործը տեսնել, նա որոշեց մի շաբաթով բացակայել տնից։ Նա իր բարեկամներից մեկին, որ ապրում էր գյուղում, հրավիրել տվեց իրեն, որպեսզի Կամիլայի առջև հեռանալու պատրվակ ունենա։ Ապարախտ խելագար, ի՜նչ գործի վրա ես, ի՞նչ է քո նպատակը, ի՞նչ հանդուգն ծրագիր ես նյութել դու։ Դու գործում ես ինքդ քո դեմ, դու դավում ես քո պատվի դեմ, դու հյուսում ես քո կորո՜ւստը։ Քո ամուսինը առաքինի է։ Դու խաղաղ վայելում ես ամուսնական միության քաղցրությունը, ոչինչ չի խռովում քո վայելքը։ Կամիլայի խոհերը քո տան պատերից դուրս չեն գալիս։ Դու նրա արևն ես աշխարհիս երեսին, նրա ցանկությունների նպատակը, նրա զգացմունքների միակ առարկան, նրա կամքի կանոնն ու դատավորը։ Նա միմիայն քո ուզածն է կամենում, իբրև երկնքի հրաման։ Նրա պատվի, գեղեցկության և համեստության գանձերը, որպես թանկարժեք հանք, բացված են քո առջև։ Դու կարող ես վերցնել ամեն ինչ, ինչ որ մեջը կա և ամեն ինչ, որ կամենաս։ Ինչո՞ւ ես ապա ուզում փորել հողը և նոր, անլուր գանձի հետքը փնտրել։ Չէ՞ որ ամեն ինչ կարող է փլչել, որովհետև այդ գանձերը նրա փխրուն բնության թույլ սյուների վրա են հենված։ Իմացած եղիր, որ անկարելիի ետևից ընկած մարդուց խլում են հնարավորն էլ, ինչպես այն, ինձնից ավելի լավ պոետն է արտահայտել՝
Փնտրում եմ ես լույսով անմար
Փորձանգի մեջ՝ բախտ ինձ համար,
Փոթորկի մեջ՝ խաղաղություն,
Ժանտախտի մեջ՝ առողջություն,
Ազատություն՝ անել բանտում,
Փրկության ելք՝ մութ փակուղում։
Դադարել եմ բարիք հուսալ
Բախտից, որ չի ուզում անսալ,
Որ երկնքի պես անզիջում՝
Չի կարեկցում ու չի խղճում․․․
Էլ ինչ խնդրեմ անկարելին,
Երբ մերժում է և կարելին։
Հետևյալ օրը Անսելմոն գնաց գյուղ և, հրաժեշտ տալով, ասաց Կամիլային, որ իր բացակայության ժամանակ Լոտարիոն գալու է ճաշի և հետևելու տան գործերին և որ խնդրում է նրանից վերաբերվել իր բարեկամին այնպես, ինչպես իրեն է վերաբերվում։ Պարկեշտ ու հավատարիմ Կամիլան վշտացավ այդ հրամանից և պատասխանեց, որ ամուսնու բացակայության միջոցին անվայել է, որ ուրիշը գրավի նրա տեղը սեղանի շուրջը։ Իսկ եթե Անսելմոն այդ հրամանը տալիս է, որովհետև չի հավատում, որ ինքը կարող է տունը կառավարել, ապա թող այս անգամ նա փորձի իրեն և փորձով համոզվի, որ ինքը ունակ է ավելի մեծ գործի։ Անսելմոն պատասխանեց, որ այդ իր կամնքն է և որ նա պետք է գլուխ խոնարհի և հնազանդի։ Կամիլան ասաց, որ կկատարի նրա ցանկությունը, թեև հակառակ է իր կամքի։ Անսելմոն գնաց։ Հետևյալ օրը եկավ Լոտարիոն, որին Կամիլան դիմավորեց սիրալիր և արժանապատվությամբ, սակայն այնպես էր սարքում, որ հետը երբեք մենակ չմնա։ Նրան շարունակ շրջապատում էին ծառաներն ու սպասուհիները, իսկ ամենից հաճախ նրան ուղեկցում էր Լեոնելա անունով մի սպասուհի։ Սա մանուկ հասակից ապրած է եղել Կամիլայի ծնողների տանը, ուստի Կամիլան նրան շատ էր սիրում և մարդու գնալուց հետը բերել էր Անսելմոյի տունը։ Առաջին երեք օրվա ընթացքում Լոտարիոն բնավ չխոսեց Կամիլայի հետ, թեև կարող էր, որովհետև ճաշից հետո, սեղանը հավաքելուց հետո, բոլոր ծառաները գնում էին ձեռաց ճաշ անելու․ Կամիլան նրանց պատվիրել էր որքան կարելի է շուտ վերադառնալ։ Բացի այդ նա հրամայել էր Լեոնելային նախապես ճաշել և իրեն երբեք մենակ չթողնել։ Սակայն սպասուհու գլխում այլ մտքեր կային՝ նա օգտվում էր ճաշի ժամից զվարճանալու համար, ուստի և հաճախակի մոռացության էր տալիս իր տիրուհու պատվերը և թողնում նրան մենակ Լոտարիոյի հետ, ասես թե նրան դիտմամբ սովորեցրած լինեին։ Բայց Կամիլայի պարկեշտ տեսքը, խիստ դեմքը և զուսպ վարմունքը սանձահարում էին Լոտարիոյի լեզուն։
Սակայն այս երջանիկ սկզբնավորությունը չէր կարող պահպանել նրանց կործանումից, որովհետև եթե լեզուն լռում էր, ապա միտքը գնում էր իր ընթացքով, և Լոտարիոն ազատ միջոցին մանրամասնորեն խորհում էր Կամիլայի հրապույրների մասին, որ ընդունակ էին ոգևորելու մարմարե արձանը, ո՜ւր մնաց թե մահկանացու սիրտը։ Նա հիանում էր խոսելու փոխարեն, նա երազում էր, թե որքան Կամիլան արժանի է սիրված լինելու և այդ խոհերը անզգալի կերպով թուլացնում էին փափկանկատությունը Անսելմոյի նկատմամբ։ Հազար անգամ նա փորձեց լքել քաղաքը և քաշվել մի տեղ, որտեղ նա երբեք չտեսնի ոչ Անսելմոյին, ոչ Կամիլային, սակայն հաճույքը, որ նա վայելում էր Կամիլային տեսնելուց, իսկույն խորտակում էր նրա վճիռը։ Նա ճիգ էր գործադրում իր վրա, պայքարում էր ինքն իր դեմ, որպեսզի հաղթահարի իրեն և այդ վայելքը չզգա և մենակ մնալուց նա դատապարտում էր իր խելագարությունը, ինքն իրեն վատ բարեկամ և անգամ վատ քրիստնյա էր անվանում։ Նա իրեն համեմատում էր Անսելմոյի հետ և հանգում այն եզրակացության, որ մեկի խելագարությունը փոխանցվում է մյուսի անհավատարմության և որ եթե նա քիչ է մեղավոր Աստծու աչքում, քան մարդկանց, ապա նա կարող է հանցանքի պատժից երկյուղ չկրել։
Վերջապես Կամիլայի արժանիքներն ու գեղեցկությունը, միացած այն պատահմունքին, որ մի անխոհեմ ամուսին գցել է Կամիլային իր ձեռքը, հաղթանակեցին հավատարմության վրա Լոտարիոյի նկատմամբ։ Եվ, անսալով իր կրքին, երեք օր անընդհատ պայքարից հետո, նա սկսեց սիրաշահել Կամիլային այնպիսի հուզմունքով ու կիրքով, որ Կամիլան մնաց բոլորովին շփոթված և չկարողացավ այլ բան անել, քան եթե թողնել իր աթոռը և քաշվել իր սենյակը, առանց մի բառ արտասանելու։ Սակայն նրա արհամարհանքը չխլեց Լոտարիոյի հույսը, որ միշտ ծնվում է սիրո հետ միասին։ Ընդհակառակը՝ նա առավել ևս հրահրեց նրա սերը դեպի Կամիլան, որը անակնկալի գալով նրա վարմունքից, չգիտեր, թե ինչ աներ։ Եվ կարծելով որ վտանգավոր և անվայել կլիներ Լոտարիոյին հնարավորություն տալը դարձյալ իր հետ տեսակցելու, նա նույն գիշերը իր մարդկանցից մեկին ուղարկեց Անսելմոյի մոտ մի նամակով հետևյալ բովանդակությամբ։
Գլուխ XXXIV
Ուր շարունակվում է Անխոհեմ Հետաքրքիրի վեպը
«Սովորաբար ասում են, որ վատ է, երբ զորքը մնում է առանց զորավարի և ամրոցը առանց պարետի, իսկ ես կասեմ, որ ավելի վատ է, երբ երիտասարդ կինը մնում է առանց ամուսնու, երբ արտաքո կարգի հանգամանքները չեն պահանջում այդ։ Ես այնքան վատ եմ առանց ձեզ և այնքան ծանր տառապում եմ ձեր բացակայությունից, որ եթե դուք շուտով վերադառնալու չլինեք, ես հարկադրված կլինեմ հորանցս տունը քաշվել և լքելու ձեր տունը՝ թողնելով այն անպահպան, որովհետև այն պահապանը, որին դուք թողել եք (եթե միայն դուք, իրոք, նրան տվել եք այդ կոչումը), թվում է, թե ավելի իր հաճույքի համար է հոգում, քան ձեր բարիքի։ Դուք խոհեմ եք, այս էլ բավական է ձեզ համար և ես չպետք է ավելին ասեմ։»
Ստանալով այս նամակը, Անսելմոն նրանից եզրակացրեց, որ Լոտարիոն արդեն գործի է անցել և որ Կամիլան այնպես է պահում իրեն, ինչպես ինքը կկամենար և, սաստիկ ուրախացած այդ տեղեկությունից, հրամայեց, որ բերանացի ասեն Կամիլային, որ ոչ մի դեպքում իր տունը չթողնի, որովհետև ինքը շուտով վերադառնալու է։ Կամիլան սաստիկ զարմացած այս պատասխանից, չգիտեր, թե ինչ անի՝ մնալ բնակարանում՝ կնշանակեր վտանգի ենթարկել իր պատիվը, իսկ հորանց մոտ գնալ՝ ընդդիմանալ Անսելմոյի կամքին։ Այս երկուսից նա ընտրեց վատթարագույնը, այսինքն՝ մնաց, հաստատ մտադրությամբ այլևս չխուսափել Լոտարիոյից, որպեսզի ծառաներին ասեկոսների տեղիք տված չլինի։ Նա նույնիսկ զղջաց, որ ամուսնուն գրել է, վախենալով, որ միգուցե Անսելմոն երևակայի, թե Լոտարիոն իր վարքի մեջ որևէ անպարկեշտություն է նկատել և այդ պատճառով էլ խախտել է պատկառանքը իր նկատմամբ։ Սակայն վստահ լինելով իր առաքինության վրա, նա հույսը դրեց Աստծու և իր պատվազգացության վրա, որոնց օգնությամբ նա հույս ուներ դիմադրելու լռությամբ Լոտարիոյի բոլոր սիրաբանություններին, առանց տեղեկացնելու իր ամուսնուն, որպեսզի նրան անհանգստություն ու հոգս պատճառած չլինի։ Նա նույնիսկ միտք էր անում, թե ինչ միջոցով Լոտարիոյին արդարացնի Անսելմոյի աչքում, եթե ամուսինը հարցնելու լինի իր նամակի դրդապատճառների մասին։ Այսպիսի մտադրություններով, որ ավելի գովելի են, քան ապահով ու խոհեմ, Կամիլան հետևյալ օրը ունկնդրում էր Լոտարիոյին, որ նորից խոսում էր այնպիսի թափով, որ Կամիլայի հաստատակամությունը տատանվեց, և նա պետք է իր ողջ առաքինությունը օգնության կանչեր, որպեսզի Լոտարիոն իր աչքերում չկարդար քնքշագին կարեկցություն, որ առաջ էին բերել նրա սրտում Լոտարիոյի խոսքերն ու արցունքը։ Սակայն Լոտարիոն նկատեց ամեն ինչ և նրա կիրքը բորբոքվեց առավել սաստիկ։ Օգտվելով Անսելմոյի բացակայությունից, որ բարենպաստ էր նրա նպատակի համար, նա վճռեց սեղմել պաշարման օղակը և սկսեց ներգործել նրա սնափառության վրա, գովաբանելով նրա գեղեցկությունը, իմացած լինելով, որ սնափառ գեղեցկության ամրոցների տակը ամենից հեշտ նույն սնափառությամբ են փորում և գրավում նույն սնափառությամբ, որ դրված են լինում շողոքորթի ճառերի մեջ։ Եվ Լոտարիոն այնպիսի վարպետությամբ փորեց նրա ողջախոհության ժայռի տակը, որ եթե Կամիլան բրոնզից ձուլված լիներ, դարձյալ չէր դիմանա։ Նա հեկեկում էր, աղերսում, խոստանում, շողոքորթում, համոզում և զգացմունքի ու կրքի այնպիսի ձև տալիս, որ վերջապես Կամիլայի ազնվությունը չդիմացավ և նա տարավ հաղթանակը, որ նա այնքան փափագում էր և որի վրա այնքան քիչ հույս ուներ։
Կամիլան տեղի տվեց։ Կամիլան անձնատուր եղավ։ Սակայն ի՞նչ զարմանալու բան է՝ չէ՞ որ Լոտարիոյի բարեկամությունն էլ չդիմացավ։ Պարզ օրինակ, որ լոկ փախուստը կարող է հաղթահարել սերը, որ ոչ ոք չպիտի պայքար ձեռնարկի այսքան զորավոր մի թշնամու դեմ և որ ոչ մարդկային զորություն է պետք մարդկային թուլությունը հաղթելու համար։ Միայն Լեոնելան գիտեր իր տիրուհու պարտության մասին, երկու դավաճան֊բարեկամները, երկու նոր սիրահարները չկարողացան թաքնվել նրանից։ Սակայն Լոտարիոն որոշեց չպատմել Կամիլային Անսելմոյի մտադրությունների մասին, որ օգնեցին նրան ձեռք բերել նրա սերը։ Նա վախենում էր ընկնել Կամիլայի աչքում, որովհետև նա կարող էր մտածել, որ ինքը պատահմամբ է նվաճել նրա սիրտը և ոչ իր սեփական դրդմամբ։
Մի քանի օրից հետո վերադարձավ Անսելմոն և չնկատեց, որ կորցրել է այն, ինչ որ ամենից բարձր էր գնահատում և ամենից քիչ պահպանում։ Նա իսկույն գնաց Լոտարիոյի մոտ և նրան գտավ տանը։ Բարեկամները գրկախառնվեցին, և Անսելմոն հարցրեց՝ ինչ նորություն կա իր կենաց և մահվան խնդրի մասին։
― Նորությունը, Անսելմո բարեկամ, ― ասաց Լոտարիոն, ― որ ես կարող եմ հաղորդել քեզ այն է, որ քո կինը կարող է օրինակ և նմուշ լինել բոլոր հավատարիմ կանանց համար։ Իմ խոսքերը կորան օդում։ Իմ առաջարկները նա բանի տեղ չդրեց։ Իմ նվերները նա մերժեց։ Թափածս կեղծ արցունքները նա ծաղր ու ծանակ արավ։ Մի խոսքով ինչպես նա գեղեցկության տիպար է, նմանապես տաճար է ազնվության, խոհեմության, ամոթխածության և բոլոր առաքինությունների, որ կարող են ընձեռել մի պատվավոր և իմաստուն կնոջ համար երջանկություն ու փառք։ Ետ վերցրու քո փողը, գործածելու առիթ չունեցա ես՝ Կամիլան չափազանց ազնիվ հոգու տեր է, որպեսզի զիջի այսպիսի վատ բաների դիմաց, ինչպես նվերն ու խոստումներն են։ Բավարարված համարիր քեզ, Անսելմո, այլևս նոր ապացույցներ մի որոնիր։ Դու առանց ոտներդ թրջելու անցել ես կասկածի և տարակուսանքի ծովը, որ սովորաբար թափված է լինում կնոջ շուրջը, էլ մի փորձիր անխոհեմորեն մեկ էլ խորունկ օվկիանոսում նավ ելնել և մի՛ հանձնիր ուրիշ նավավարի միջոցով ստուգելու քո նավի հաստատությունը, որ բաշխել է քեզ երկինքը այս աշխարհի ծովն անցնելու համար։ Հաշվիր քեզ ապահով նավահանգիստ հասած, նետիր քո բարեկեցության խարիսխը և սպասիր, մինչև որ բախտը կգա պահանջելու քեզնից պարտքը, որ մենք՝ բոլոր մահկանացուներս, պարտավոր ենք նրան վճարելու։
Անսելմոն միանգամայն բավարարված էր Լոտարիոյի ճառով, որին նա այնքան հաստատ հավատաց, ասես պատգամախոսություն լիներ։ Այնուհանդերձ նա խնդրեց բարեկամից, որ բոլորովին չթողնի այդ ձեռնարկը, թեկուզ զվարճության և հետքրքրության համար։ Նա ավելացրեց, որ այլևս կարիք չկա առաջվա պես ճիգ ու ջանք թափելու և որ բավական է, եթե նա ոտանավոր ձոնի և երգի Կամիլային Քլորիդա անվան տակ, հարգելով նրա պարկեշտությունը։ Նա ավելացրեց, որ եթե Լոտարիոյի համար դժվար լինի՝ ինքը կհորինի այդ ոտանավորը։
― Ոչ, կարիք չկա, ― ասաց Լոտարին, ― մուսաներն ինձ այնքան էլ հակառակ չեն և ժամանակ առ ժամանակ այցելում են։ Նախազգուշացրու Կամիլային իմ սիրային կեղծության մասին և, թեև իմ ոտանավորի արժանիքը չի հավասարվի առարկային, ես կաշխատեմ կարյացս չափ լավ գրել։
Այսպես պայմանավորվեցին դյուրահավատ և անհավատարիմ բարեկամները։ Վերադառնալով տուն Անսելմոն հարցրեց Կամիլայից, թե ի՞նչը դրդեց նրան իրեն նամակ գրելու։ Կամիլան, որ վաղուց արդեն զարմանում էր, թե ինչու նա այդ մասին բան չի հարցնում, պատասխանեց, որ նրա բացակայության միջոցին Լոտարիոյի վարմունքը իրեն թվաց նվազ պատկառավոր, բայց հիմա ինքը այլևս այդ համոզմունքը չունի և կարծում է, թե այդպես է թվացել իրեն, որովհետև վաղուց է արդեն, որ Լոտարիոն խույս է տալիս իրենից և երբեք հետը մենակ չի մնում։ Անսելմոն խորհուրդ տվեց այլևս չկասկածել, որովհետև ինքը լավ գիտե, որ Լոտարիոն սիրահարված է մի ազնվազարմ օրիորդի վրա և երգում է նրան Քլորիդա անվան տակ։ Եթե անգամ այդպես էլ չլինի, ապա Կամիլան պիտի վստահի Լոտարիոյի ազնվությանը և իրենց մեծ մտերմությանը։ Եվ եթե Լոտարիոն նախազգուշացրած չլիներ Կամիլային, որ ինքն է պատմել իր կարծեցյալ սիրո մասին Քլորիդայի նկատմամբ, որպեսզի հնարավորություն ունենա իր ոտանավորներում երգելու Կամիլային, վերջինիս սիրտը, անտարակույս, ընկած կլիներ խանդի հուսակտուր ցանցի մեջ։ Սակայն նախազգուշացած լինելով, այդ լուրը նա ընդունեց առանց վշտի։
Մի օր, երբ որ նրանք երեքով ճաշից հետո նստած էին սեղանի շուրջը, Անսելմոն խնդրեց Լոտարիոյից, որ կարդա իր գրածը ի պատիվ իր սիրած Քլորիդայի։ Ասաց, որ նա կարող է չքաշվել, որովհետև մեկ է, Կամիլան նրան չգիտե։
― Անգամ եթե նա իմանալու լիներ, ― պատասխանեց Լոտարիոն, ― ես դարձյալ չէի ծածկի իմ ոտանավորները։ Որովհետև երբ որ սիրահարվածը գովաբանում է իր սիրածի գեղեցկությունը և նրան խստասիրտ է անվանում, դրանով նրա բարի անունը չի անպատվում։ Այսպես թե այնպես, ահա՛ սոնետը, որ ես երեկ գրեցի խստասիրտ Քլորիդայի պատվին։
- Սոնետ
Խորունկ լռության մեջ կես գիշերային,
Տեսնելով մարդկանց հանգիստը շնորհված՝
Ես իմ ահավոր տանջանքը սահմանված
Հանձնում եմ երկնքին և Քլորիդին։
Այնժամ տված իրեն գունեղ քղամիդին
Վարդյա արևն է ելնում զվարթացած,
Ես՝ հառաչանքով ու թոթովանքով լցված
Վերադառնում եմ հին վիրավորանքին։
Մինչ հավերժ արևը ոսկյա գահին է ցնծում,
Վառվում աշխարհստեղծման ճառագայթով,
Ես հեղում եմ լացըս, հուզումըս խորացնում։
Իջնում է գիշերը, ես էլ դառը բախտով,
Նորից ընկնում եմ իմ սիրո ցավում անդուլ,
Կամարն երկնքի խուլ է և Քլորիդան խուլ․․․
Սոնետը Կամիլային դուր եկավ, բայց առավել ևս Անսելմոյին, որ գովեց Լոտարիոյին և ասաց, որ այդ տիկինը, երևի, անչափ խստասիրտ է, քանի որ չի պատասխանում այդքան անկեղծ զգացմունքին։ Կամիլան ասաց․
― Մի՞թե սիրահարված պոետների բոլոր ասածները ճիշտ են։
― Պոետների ասածները կարող են ճիշտ չլինել, ― պատասխանեց Լոտարիոն, ― սակայն սիրահարներինը ― մի՛շտ նույնքան պարկեշտ են լինում, որքան և անկեղծ։
― Անկասկած, ― հաստատեց Անսելմոն, կամենալով պաշտպանած լինել Լոտարիոյի կարծիքը Կամիլայի առջև, որ այնքան հափշտակված էր իր նոր սիրահարով, որ չնկատեց իր մարդու խորամանկությունը։ Այն ամենը ինչ բխում էր Լոտարիոյից Կամիլային հաճույք էր պատճառում և նրա համար ավելի հաճելի էր, որ Լոտարիոյի ցանկություններն ու ոտանավորները իրեն են ուղղված և որ ինքն է իսկական Քլորիդան։ Նա հարցրեց Լոտարիոյից՝ չունի՞ արդյոք ուրիշ սոնետ կամ այլ ոտանավոր։
― Մեկն էլ կա, ― պատասխանեց Լոտարիոն, ― միայն թե ինձ թվում է, որ այնքան էլ լավը չէ, ինչպես առաջինը, կամ, ավելի ճիշտ՝ ավելի վատն է։ Ասենք՝ ինքներդ դատեցեք․
- Սոնետ
Մեռնում եմ ես, և կասկածին հակառակ,
Իրական է թվում մահս առավել,
Ճիշտ է այն, որ ոտքերիդ կփարվեմ,
Քան կզղջամ, որ մատուցում եմ հարգանք։
Տեսնում եմ ես ինձ աշխարհում մոռացման,
Ուր չունեմ կյանք, խնդություն ու սփոփում,
Բայց ո՜վ չքնաղ, սիրակարոտ իմ սրտում
Տեսնում եմ ես քո պատկե՜րը աննման։
Այդ պատկե՜րն է, մխիթարանքն իմ սրտի՝
Վերջի՜ն, վերջի՜ն ակնթարթում այն մարտի․
Որ մղում եմ քո խստության դեմ անհույս։
Վա՜յ լողորդին վայրի ծովում ալեհույզ,
Երբ խավարում խոլ ալիքներն են հևում,
Չկա փարոս, և ափը չի երևում։
Անսելմոն գովեց երկրորդ սոնետը ոչ պակաս, քան առաջինը։ Այսպես, օղակ առ օղակ նա դարբնում էր շղթան, որ նա նետում ու կապում էր իր խայտառակությունը։ Որքան ավելի էր Լոտարիոն նրան անպատվում, այնքան ավելի պատվված էր զգում իրեն։ Եվ այն աստիճանները, որոնցով Կամիլան իջնում էր իր ամոթ ու խայտառակությանը, ցույց էր տալիս իր ամուսնուն որպես վերելք դեպի առաքինություն ու բարի համբավ։ Մի օր, Կամիլան, մնալով մենակ իր սպասուհու հետ, ասաց նրան․
― Ես սաստիկ զղջում եմ, սիրելի Լեոնելա, որ այսքան արագ անձնատուր եղա Լոտարիոյին, որ չստիպեցի նրան ավելի ուժգին դիմադրությամբ և տևական ծառայությամբ ձեռք բերել տիրությունը և իշխանությունը իմ կամքի վրա։ Ես երկյուղ եմ կրում, որ այսքան դյուրին վայելումի համար նա կարհամարհի ինձ, վերագրելով այն իմ թեթևամտրության, առանց մտաբերելու այն ճիգը, որ նա գործադրեց իմ դիմադրությունը հաղթահարելու համար։
― Հոգ մի տարեք, սինյորա, ― պատասխանեց Լեոնելան, ― ընծան իր արժեքը չի կորցնում նրանից, որ արագ է տրված եղել, միայն թե լավը լինի և գնահատության արժանի։ Նույնիսկ սովորաբար ասվում է՝ ով որ շուտ է տալիս՝ երկու անգամ է տալիս։
― Բայց կամ մեկ ուրիշ առած ևս, ― պատասխանեց Կամիլան, ― ինչ որ էժան է նստում, ավելի քիչ էլ գնահատվում է։
― Դա չի կարելի կիրարկել քո նկատմամբ, ― ասաց Լեոնելան, ― սերը, ըստ ավանդության, երբեմն թռչում է, երբեմն ոտով գնում, ոմանց հետ վազում է, ոմանց հետ քայլում։ Ոմանց սառեցնում է, ոմանց այրում, ոմանց վերք է հասցնում, ոմանց սպանում։ Սիրո փափագը ծնվում է վայրկյանապես և վայրկյանաբար բավարարվում։ Առավոտյան սերը պաշարում է բերդը, որ երեկոյան դեմ հարկադրված է լինում անձնատուր լինելու, որովհետև չկա այն ուժը, որ կարողանա դիմադրել նրան։ Ինչի՞ց ես դու զարմանում և ինչից վախենում, քանի որ միևնույն բանը պատահել է Լոտարիոյին, որին սերը ընտրած է եղել որպես ձեր անկման գործիք Անսելմոյի բացակայության միջոցին, որովհետև նա կարող էր վերադառնալ և այն ժամանակ սիրո գործը կմնար անկատար։ Սերը պատահմունքից ավելի լավ օգնական չունի և նա օգտվում է իր բոլոր գործերում, մանավանդ սկզբում։ Այդ ես լավ գիտեմ, ավելի փորփով, քան ուրիշների ասելով և երբևիցե կպատմեմ քեզ այդ ամենը։ Չէ՞ որ ես էլ, տիրուհի, միս ու արյուն եմ։ Ասենք, ես չէի ասի, սինյորա Կամիլա, որ դու շատ արագ հնազանդեցիր և անձնատուր եղար՝ չէ՞ որ նախապես նրա հայացքում, հառաչանքում, խոսքերում, խոստումներում և նվերներում դու տեսար նրա ողջ հոգին և համոզվեցիր, որ նրա բոլոր հատկությունները նրան արժանի են դարձնում սիրո։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ կարիք կա ունայն տարակուսանքների և դառնաշունչ խոհերի։ Նա գոհ ու երջանիկ է, որ կապված է քեզ հետ սիրո կապանքով և միամիտ մնա, որ նա քեզ նույնքան է գնահատում, որքան որ դու՝ նրան։ Նա ոչ միայն ունի չորս S֊ը, որ պետք է ունենա յուրաքանչյուր կատարյալ սիրահար, այլ մի ամբողջ այբուբեն։ Թե չես հավատում, ես իսկույն քեզ անգիր ասեմ։ Որքան որ ես հասկանում եմ, նա ինձ թվում է՝ agradecido, bueno, caballero, dadiuoso, enamprado, firme, gallardo, honrado, ilustre, leal, mozo, noble, onesto, principal, guantioso, rico (երախտագետ, բարի, ասպետ, առատաձեռն, սիրահարված, անփոփոխ, գեղեցիկ, պատկառելի, հռչակավոր, հավատարիմ, ջահել, ազնիվ, պատվով, ականավոր, պերճ, հարուստ)․ ապա գալիս են չորս T֊երը,[144] որ արդեն ասացի, հետո՝ lacito (լռակյաց), verdadero (ճշմարտախոս)։ X֊ը կոպիտ տառ է, չի հաշվվում և Y֊ը շաղկապ է, մնում է Z֊ը՝ քո պատվի zelador (նախանձախնդիրը)։
Կամիլան շատ ծիծաղեց Լեոնելայի այբուբենի վրա և տեսավ, որ սիրային գործերում ավելի բան գիտե, քան ասում է։ Սպասուհին խոստովանեց, որ ինքը սիրային կապ ունի մի երիտասարդի հետ՝ լավ ընտանիքից, նույն քաղաքից։ Կամիլան, շփոթված այս խոստովանությունից, այն հետևանքից, որ դա կարող է ունենալ իր բարի համբավի նկատմամբ, կամեցավ առնվազն իմանալ, թե որտեղ են նրանք միասին լինում և նրանց միջև մաքուր սիրուց բացի չկա՞ արդյոք այլ բան։ Սակայն Լեոնելան սակավ ամոթխածությամբ և շատ լիրբ կերպով խոստովանեց, որ իր սիրահարը երջանիկ է։ Տիրուհիների մեղքերը զրկում են սպասուհիներին ամոթից։ Երբ որ նրանք տեսնում են, որ իրենց հրամայողները սխալ քայլ են անում, նրանք այլևս հոգ չեն տանում սայթաքելուց, ոչ էլ նրանից, որ կիմացվի։ Կամիլան ճարահատյալ խնդրեց Լեոնելայից, որ նրա գործերը չպատմի իր սիրահարին և իր սեփական գաղտնիքն էլ խստիվ պահպանի, որ չլինի թե որևէ կերպ Անսելմոն կամ Լոտարիոն իմանան։ Լեոնելան խոստացավ, սակայն այնքան վատ կատարեց իր խոստումը, որ իսկույն արդարացավ Կամիլայի երկյուղը՝ արատավորված տեսնելու իր բարի համբավը։
Անամոթ ու լիրբ սպասուհին հանդգնեց անգամ տիրուհու տունը բերել իր սիրահարին, վստահ լինելով, որ Կամիլան բան չի ասի, եթե նույնիսկ այդ մարդուն տեսնելու լինի։ Այս է լինում իրենց առաքինությունը կորցրած կանանց պատիժը՝ նրանք իրենց սպասուհիների գերին են դառնում և հարկադրված են լինում ծածկելու նրանց անպատվաբեր ու ստոր գործերը։ Այդպես էլ Կամիլայի հետ պատահեց։ Հաճախ նա վրա էր հասնում իր տան սենյակներից մեկում Լեոնելային իր սիրահարի հետ և ոչ միայն սիրտ չէր անում հանդիմանել նրան, այլ ինքն էլ օգնում էր նրա երկրպագուին թաքցնելու և հոգ տանում, որ Անսելմոն նրան չտեսնի։ Սակայն, չնայած նրա բոլոր ջանքերին, մի անգամ Լոտարիոն տեսավ, թե ինչպես լուսաբացին այդ մարդը դուրս եկավ տնից։ Չիմանալով նրա ով լինելը, Լոտարիոն նախ կարծեց, թե տեսիլ է, սակայն նկատելով, որ թաքուն֊թաքուն է գնում, ծածկված ու փաթաթված իր վերնարկով, նա թողեց իր միամիտ ենթադրությունը և այլ բան կասկածեց։ Այդ կասկածը նրանց բոլորին էլ կկործաներ, եթե Կամիլան օգնության հասած չլիներ։ Լոտարիոն միանգամայն մոռացել էր Լեոնելայի գոյության մասին, ուստի նրա գլխից չէր էլ անցնում, որ Կամիլայի տնից դուրս եկող անծանոթը Լեոնելայի մոտ է եղել։ Եվ նա վճռեց, որ Կամիլան նույնքան հեշտ ու թեթև է եղել ուրիշի համար, ինչպես իրեն համար եղավ։ Ահա թե ինչ հետևանքի է հասցնում անհավատարիմ կնոջ մեղանչանքը՝ նա, որ աղերսանքով և վստահացումներով գրավել է նրա սերը, այլևս չի հավատում նրա պատվին, համարելով, որ ավելի դյուրին նա կարող է անձնատուր լինել մի ուրիշին։ Ամեն կասկած հիմնավոր է թվում։ Այդ վայրկյանին խոհեմությունը լքեց Լոտարիոյին։ Նա մոռացության տվեց իր սեփական խոհեմությունը և ավելի խելացի և ուղիղ բան չգտավ, քան անել հետևյալը՝ կասկածից կուրացած, չանսալով և ոչ մի մտքի, զգացմունքի, Լոտարիոն իսկույն վազեց Անսելմոյի մոտ, որ դեռ վեր չէր կացել, անհամբեր իրեն ճարակող խանդը հագեցնելու և վրեժ առնելու Կամիլայից, որ իրեն բնավ չէր վիրավորել։
― Ահա քանի օր է, ― ասաց նրան, ― բարեկամս, որ ես բռնություն եմ գործադրում ինքս ինձ վրա, որպեսզի չասեմ քեզ մի բան, որ ավելի երկար ծածկել չեմ կարող և չի կարելի։ Իմացած եղիր, որ գոռոզ Կամիլան վերջապես տեղի տվեց և ես կարող եմ անել՝ ինչ որ կամենամ։ Եթե ես իսկույն ևեթ քեզ չեմ բացել այս տխուր ճշմարտությունը, ապա նրանից է, որ կամեցել եմ համոզվել, թե նրա ասածը վայրկենական քմահաճույք չէ՞ր արդյոք և նրա համար չէ՞, որպեսզի նա փորձի և ստուգի, թե որքան լուրջ է իմ սիրո բացատրությունը՝ արված քո թույլտվությամբ։ Ես համոզված եմ, որ եթե Կամիլան այնպիսի կին լիներ, ինչպես պետք է լինի և ինչպես մենք ենք նրան համարում, նա պետք է քեզ պատմած լիներ իմ հետապնդումների մասին։ Բայց որովհետև նա համառ լռություն է պահպանում, ես կարծում եմ, որ պետք է նրա խոստումները իրական համարեմ։ Հենց որ դու նորից տեղ գնաս, նա ինձ հետ կզվարճանա քո հանդերձատանը (իրոք, սա նրանց սովորական ժամադրավայրն էր)։ Սակայն ես կկամենայի ետ պահել քեզ վրեժխնդրությունից, որովհետև առայժմ մեղքը դեռ մտադրություն է և հնարավոր է, որ նախքան գործելը Կամիլան հետ կմտածի և կզղջա, որ այդպիսի մտադրություն է ունեցել։ Դու միշտ կամ գրեթե միշտ հետևել ես իմ խորհուրդներին, հետևի՛ր մի անգամ էլ, որպեսզի խելամուտ խորհրդածություններից հետո, առանց սխալվելուց երկյուղ կրելու, ընդունես ամենահարմար որոշումը։ Դու այնպես ցույց տուր, իբրև թե առաջվա պես պետք է մի երկու֊երեք օրով գնաս, իսկ ինքդ թաքնվիր հանդերձատանը։ Այնտեղ շատ կահ֊կարասի և գորգ կա, այնպես որ թաքնվելը դժվար չի լինի։ Եվ մենք մեր սեփական աչքերով այն ժամանակ կտեսնենք, թե Կամիլան մտքումը ինչ է դրել։ Եթե նա անհավատարիմ կին դուրս գա, տարաբախտաբար երկյուղ կա, որ այդպես լինի, դու թաքուն, խելացի և հանգիստ քո պատվի համար վրեժխնդիր կլինես։
Լոտարիոյի խոսքերը շշմեցրին, ապշեցրին ու զարմացրին Անսելմոյին, որովհետև միանգամայն անսպասելի էին։ Նա համոզված էր, որ Կամիլան Լոտարիոյի կեղծ պաշարումից հաղթական է դուրս եկել, և ինքը լցվում էր հպարտությամբ։ Երկար նա լուռ ու անթարթ նայում էր ոտների տակը, ապա թե վերջապես ասաց․
― Լոտարիո, դու իսկական բարեկամի պես վարվեցիր։ Ես կհետևեմ քո բոլոր խորհուրդներին։ Արա, ինչ որ կուզես, միայն թե գաղտնապահ եղիր, ինչպես այդ պահանջում է նման անսպասելի դեպք։
Լոտարիոն խոստացավ, սակայն դուրս եկավ թե չէ, զղջաց իր անմիտ արարմունքի համար։ Չէ՞ որ նա ինքը կարող էր վրեժխնդիր լինել Կամիլայից և ոչ այդքան դաժան ու ամոթաբեր միջոցով։ Նա անիծում էր իր խելագարությունը, մեղադրում իրեն թեթևամտության համար և չգիտեր, թե ինչ աներ իր սխալն ուղղելու և որևէ խելացի ելք գտնելու համար։ Վերջ ի վերջո նա վճռեց ամեն ինչ խոստովանել Կամիլային և նույն օրը, առանց դժվարության, նրա հետ մենակ տեսակցելու հնար գտավ։ Հազիվ տեսնելով նրան, Կամիլան, համոզվելով, որ իրենց լսող չկա, ասաց․
― Սիրելի Լոտարիո, սրտիս վրա մեծ ծանրություն կա, որ սաստիկ ճնշում է ինձ, այնպես որ սիրտս պատրաստ է պատռվելու և զարմանալի կլինի, եթե այդ չպատահի։ Լեոնելայի անամոթությունը այն աստիճանի է հասել, որ ամեն գիշեր իմ տանը պահում է իր սիրահարին, որ մնում է հետը ողջ գիշերը։ Ախր եթե մեկն ու մեկը տեսնելու լինի, որ իմ տնից այնպիսի արտասովոր պահին տղամարդ է դուրս գալիս, կունենա իրավունք կասկածելու ինձ անպատվության մեջ։ Մանավանդ ինձ վշտացնում է, որ ես նրան ոչ հանդիմանել եմ կարող, ոչ պատժել, որովհետև նա գիտի մեր գաղտնիքը, և ես հարկադրված եմ լռել և աչքերս փակել, որ նրա վարքը չտեսնեմ։ Սակայն ես վախենում եմ, որ դրանից որևէ դժբախտություն ծագի։
Սկզբում, լսելով Կամիլայի խոսքերը, Լոտարիոն կարծեց, որ նա խորամանկություն է բանեցնում և ուզում է հավատացնել իրեն, որ անծանոթը նրա մոտ չի գալիս, այլ Լեոնելայի։ Սակայն տեսնելով, որ նա սաստիկ հուզված է, լալիս ու խնդրում է իր օգնությունը, հավատաց, որ այդ ամենը ճշմարիտ է։ Իսկ հավատալով, նա առավել ևս ամոթահար եղավ և զղջաց իր արածի համար։ Այնուհանդերձ նա խնդրեց, որ Կամիլան չվշտանա և խոստացավ հնար գտնել Լեոնելայի լրբությունը զսպելու համար։ Ապա նա խոստովանեց, որ կատաղի խանդից կուրացած՝ նա ամեն բան պատմել է Անսելմոյին և որ նա, համաձայն պայմանի, թաքնվելու է հանդերձատանը, որպեսզի իր աչքերով տեսնի նրա անհավատարմությունը։ Նա աղաչեց, որ Կամիլան ների իր խելագարությունը և օգնի ամեն բան այնպես դասավորելու, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ այն անիծած լաբիրինթոսից, ուր նետել է իրեն իր անխոհեմությունը։
Կամիլան սկզբում զարմացավ Լոտարիոյի խոստովանությունից, ցասումով ու խելացի նախատեց ու կշտամբեց իր վրա ունեցած ստոր կարծիքի և հուսահատ ու անմիտ որոշումի համար։ Եվ, որովհետև կնոջ խելքը ավելի արագ է վճիռ կայացնում թե՛ բարի, թե՛ չար գործի նկատմամբ (փոխարենը անընդունակ լինելով ուղիղ և հանգիստ քննարկելու), ապա Կամիլան իսկույն ելք գտավ այդ, ըստ երևույթին, անելանելի դրությունից։ Նա Լոտարիոյին ասաց, որ այնպես անի, որ Անսելմոն հետևայլ օրը թաքնվի, որտեղ որ վճռել էր և որ իր կողմից ինքը մի հնար կգտնի թաքնվելու հնարավորություն ընձեռնելու Անսելմոյի համար։ Ապա, առանց Լոտարիոյին բանալու իր ծրագիրը, Կամիլան ավելացրեց, որ Անսելմոյի թաքնվելուց հետո, նա պետք է գա, հենց որ Լեոնելան նրան կանչի և այնպիսի պատասխաններ տա, ասես թե նա չի էլ կասկածում, որ մեկը կարող է ներկա լինել։ Լոտարիոն սկսեց պնդել, որ նա մինչև վերջ բանա իր ծրագիրը, որպեսզի ինքը ավելի վստահ ու հաստատ գործի։
― Իմացած եղիր, սիրելի Լոտարիո, որ դու պիտի միայն իմ տված հարցերին պատասխանես, ― պատասխանեց Կամիլան։
Սա չկամեցավ իր ծրագրի մանրամասների մեջ մտնել, վախենալով, որ միգուցե Լոտարիոն հավանություն չտա։ Նրան այդ ծրագիրը շատ լավն էր թվում, իսկ նա կարող էր պակաս հաջողի ետևից ընկնել։ Լոտարիոն գնաց այդ այդ որոշմամբ։ Հետևյալ օրը Անսելմոն մեկնեց այն պատրվակով, որ պիտի գյուղ գնա իր բարեկամի մոտ, ապա վերադարձավ ու թաքնվեց։ Նա դյուրությամբ կարողացավ այդ անել, որովհետև Կամիլան ու Լեոնելան նրան այդ բանում օգնեցին։ Կարելի է երևակայել, թե ինչ հուզմունքով թաքնվեց նա՝ չէ՞ որ նա սպասում էր, որ ահա՝ նրա աչքերի առջև իր պատիվը պիտի պատառբզիկ անեն, որ նա պիտի կորցնի այն, ինչ իր մեծագույն գանձն էր համարում՝ իր սիրելի Կամիլային։ Համոզվելով, որ Անսելմոն թաքնվել է, Կամիլան Լեոնելայի ուղեկցությամբ ներս մտավ սենյակը և հազիվ էր անցել շեմքից, որ խորունկ հառաչանքով ասաց․
― Ախ, սիրելի Լեոնելա, ավելի լավ չի՞ լինի, որ իմ մտադրությունը իրագործելու փոխարեն, որ ես չեմ բանա, որովհետև վախենում եմ, որ ինձ կկանգնեցնես։ Անսելմոյի դաշույնը, որ հրամայեցի քեզ բերես, դու մխրճես իմ անարժան սիրտը։ Ասենք՝ արդարացի չի լինի, որ ես պատժվեմ ուրիշի հանցանքի համար։ Ես նախապես ուզում եմ իմացած լինել, թե ինչ են տեսել Լոտարիոյի հանդուգն ու հանցավոր աչքերը մեջս, որ նրան սիրտ է տվել բանալ ինձ իր ամոթալի կիրքը՝ անպատվելով ինձ և խայտառակելով իր բարեկամին։ Մոտեցիր լուսամուտին, Լեոնելա և կանչիր նրան, ես վստահ եմ, որ նա, կանգնած փողոցում, սպասում է վայրկյանին, որ կատարի իր անբարի մտադրությունը, սակայն նախապես կկատարվի իմ դժնի, բայց պատվաբեր մտադրությունը։
― Ա՜խ, տիրուհի, ― պատասխանեց խելքը գլխին և նախապես սովորեցրած Լեոնելան, ― ինչի՞դ է պետք այդ դաշույնը։ Մի՞թե դու ուզում ես ինքնասպան լինել կամ Լոտարիոյին սպանել։ Այդ երկու գործն էլ կկործանի քո բարի անունն ու համբավը։ Ավելի լավ է, որ քողարկես քո վիրավորանքը և թույլ չտաս, որ այդ չար մարդը տուն մտնի, երբ որ մենք մենակ ենք։ Խորհի՜ր, տիրուհի, մենք թույլ կանայք ենք, իսկ նա ― վճռական տղամարդ։ Ի՞նչ կլինի, եթե նա, կուրացած իր վատթար կրքից, նախքան դու քո մտադրությունը կատար ածես, խլի քեզնից այն, ինչ որ քեզ համար կյանքից էլ թանկ է։ Թող Աստված պատժի սինյոր Անսելմոյին, որ հաճել է այդպիսի իշխանություն տալ այս տանը այդքան ցոփ մարդուն։ Սակայն եթե դու նրան սպանելու էլ լինես, տիրուհի, այդ է կարծեմ քո միտքը, ի՞նչ ենք անելու նրա դիակը։
― Ի՜նչ արած, սիրելիս, ― պատասխանեց Կամիլան, ― թող նրան թաղի Անսելմոն։ Արդարացի չի՞ լինի արդյոք այդ դժվարությունը նրան պարգևել ի տրիտուր այն դժվարության, որ ես եմ հանձն առել թաքցնելու նրա խայտառակությունը հողի ծոցում։ Շտապիր, շուտով կանչիր նրան։ Ինձ թվում է, թե այն ժամանակը, որ ես հապաղում եմ ինձ հասցրած անպատվության վրեժը լուծել, վիրավորանք է հավատարմությանը, որ ես պարտական եմ իմ ամուսնուն։
Այդ ամենը Անսելմոն լսում էր և Կամիլայի ասած յուրաքանչյուր խոսքը փոխում էր նրա միտքը։ Սակայն երբ նա լսեց, որ կինը վճռել է սպանել Լոտարիոյին, նա կամեցավ դուրս գալ և բացվել, որպեսզի խանգարած լինի, սակայն նա զսպեց իրեն, ցանկանալով տեսնել, թե այդ խիզախ և ազնիվ վճիռը ուր կտանի կնոջը, որ վերջին վայրկյանին դուրս գա և խանգարի։
Այդ վայրկյանին Կամիլան ուշագնաց լինելու ձև արեց և վայր ընկավ մահճակալի վրա, որ մոտ էր դրված, իսկ Լեոնելան սկսեց դառնագի՛ն լալ, ասելով․
― Վա՜յ ինձ, դժբախտիս։ Այդ էր մնում, որ տեսնեի, թե ինչպես իմ ձեռքերի վրա շունչը փչի աշխարհիս երեսին պատվարժանության ծաղիկը, առաքինի կանանց պսակը, ողջախոհության օրինակը։
Եվ հազար ու մի մակդիրներ էր շարում, որ լսողը կասեր, թե սպասուհին աշխարհիս երեսին ամենապատվավոր ու հավատարիմ աղջիկն է, իսկ տիրուհին նոր հալածական Պենելոպա։ Քիչ անց Կամիլան, ուշքի գալով, ասաց․
― Ինչո՞ւ չես գնում, Լեոնելա, կանչես այն բարեկամին, որից ավելի անհավատարիմը ոչ արևն է լուսավորել, ոչ գիշերը թաքցրել։ Շտապի՛ր, վազի՛ր, թռի՛ր, որ հապաղումից չհովանա իմ ցասումի կրակը և սպառնալիքների ու անեծքների մեջ չհագենա իմ արդարացի վրեժխնդրության ծարավը։
― Գնում եմ, գնում տիրուհի, ― պատասխանեց Լեոնելան, ― սակայն նախապես տուր ինձ այդ դաշույնը, որովհետև ես վախենում եմ, որ իմ բացակայության միջոցին դու կարող ես այնպիսի բան անել, որի համար բոլոր քեզ սիրողները ողջ կյանքը ողբան։
― Գնա, սիրելի Լեոնելա, ― պատասխանեց Կամիլան, ― մի՛ վախենար։ Թեև իմ խորհած վրեժխնդրությունը քո աչքում խիզախ ու պարզամիտ է երևում, այնուհանդերձ ես Լուկրեցիային չեմ հասնի, որ անմեղ տեղով ինքնասպան եղավ առանց նախապես սպանելու իր դժբախտության մեղապարտին։ Ես ուզում եմ մեռնել՝ դա անկասկած է, սակայն ոչ առաջ, քան ես վրեժ կառնեմ նրանից, ով հարկադրել է ինձ այստեղ ողբալու մի վիրավորանք, որի պատճառը ես չեմ եղել։
Լեոնելան իրեն երկար խնդրել տվեց, մինչև որ գնաց Լոտարիոյի ետևից։ Նրա բացակայության միջոցին Կամիլան կեղծ խոսում էր ինքն իր հետ, ասելով․
― Տեր աստված, ավելի լավ չէ՞ր լինի այս անգամ էլ Լոտարիոյին վռնդած լինեի, ինչպես հաճախ արել եմ, քան նրան առիթ տայի ինձ անպատիվ ու վատ կին համարելու, որքան էլ այդ մոլորությունը վաղանցուկ լինի։ Այո՛, իհարկե, այդպես ավելի լավ կլիներ։ Սակայն ես վրեժս հանած չէի լինի, ոչ էլ բավարարած ամուսնուս պատիվը, եթե նա ողջ ու առողջ գնալու լինի այստեղից, ուր նրան վատ ծրագիրն է բերել։ Այո, թող դավաճանը վճարի իր կյանքը իր անզգամ ծրագրի համար։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ Կամիլան ոչ միայն հավատարիմ մնաց իր ամուսնուն, այլև իր ձեռքով վրեժ լուծեց նրանից, ով որ խիզախեց իրեն վիրավորել։ Սակայն պետք չէ՞ր արդյոք տեղյակ կացուցանել Անսելմոյին։ Ես մի քանի անգամ խոսք բաց արի այն նամակից, որ ուղարկեցի նրան գյուղ, բայց նա չշտապեց վերադառնալ, որպեսզի օգնի ինձ սպառնացող վտանգի միջոցին՝ լինելով չափազանց բարի և դյուրահավատ, նա, երևի, չէր ուզում և չէր կարող հավատալ, որ այնքան փորձված բարեկամի կրծքում ծագել է որևէ մտադրություն իր պատվի դեմ։ Ես ինքս էլ երկար ժամանակ այդպես էի կարծում և կշարունակեի այդպես կարծել, եթե Լոտարիոյի հանդգնությունը ծայր աստիճանի չհասներ, չարտահայտվեր շքեղ ընծաներով, երկար ու բարակ հավատացումներով ու մշտական արցունքներով։ Սակայն ինչի՞ են պետք բոլոր այս խոսքերը։ Մի՞թե խիզախ վճիռը խորհուրդի է կարոտ։ Ոչ, իհարկե։ Զգույշ կաց, դավաճան, քեզ վրեժ է սպասում։ Թող հանդես գա դավաճանը, թող ներս մտնի, մոտենա, մեռնի և անհետանա, իսկ հիմա՝ ինչ լինում է, թող լինի։ Ես մաքուր եմ մտել տունը մի մարդու, որ երկնքից առաքված էր ինձ ամուսին և մաքուր էլ դուրս կգամ, անգամ եթե ստիպված լինեմ իմ անարատ արյունը խառնելու աշխարհիս ամենանենգ բարեկամի անմաքուր արյան հետ։
Այս խոսքերը նա արտասանում էր մերկ դաշույնը ձեռքին, սենյակում ետ ու առաջ գնալով, այնպիսի անկարգ ու սաստիկ շարժ ու ձևերով, որ կարծես թե կորցրել էր խելքը և քնքուշ կինը կատաղի ոճրագործ է դառել։
Անսելմոն այդ ամենը լսում էր վարագույրի ետևից, որտեղ թաքնվել էր, հիանում էր ու խորհում, որ այն ամենը, ինչի վկա եղավ ինքը, պետք է ցրի ամեն կասկած։ Նա նույնիսկ կկամենար, որ Լոտարիոն չգար, որովհետև վախենում էր, որ հանկարծ այս գործը վատ վերջավորության հանգի։ Նա պատրաստ էր դուրս գալու, ներկայանալու Կամիլային և գրկելով նրան, բանալու նրան ողջ ճշմարտությունը, սակայն հանկարծ տեսավ, որ Լեոնելան ներս է բերում Լոտարիոյին, բռնած նրա ձեռքից։ Տեսնելով նրան, Կամիլան դաշույնով հատակին գիծ քաշեց և ասաց․
― Լսիր, Լոտարիո, եթե դու հանդգնես այս գիծն անցնել կամ նույնիսկ մոտենալ նրան, ես նույն վայրկյանին կխրեմ այս դաշույնը, որ ձեռքիս է կրծքիդ մեջ։ Սակայն նախքան սրան պատասխանելը, լսիր, թե էլ ինչ կասեմ ես, ապա թե դու կպատասխանես ինձ, ինչ որ կամենաս։ Նախ և առաջ, ասա ինձ, Լոտարիո, ճանաչո՞ւմ ես դու իմ ամուսին Անսելմոյին և ի՞նչ կարծիքի ես դու նրա մասին, ապա, հարց եմ տալիս քեզ՝ ճանաչո՞ւմ ես դու ինձ։ Պատասխանեիր ինձ առանց քաշվելու և երկար ու բարակ խորհելու, որովհետև դժվար հարցեր չեմ տվել ես։
Լոտարիոն այնքան էլ պարզամիտ մեկը չէր, որ գլխի չընկներ Կամիլայի ուզածը առաջին իսկ խոսքից, մանավանդ որ գիտեր Անսելմոյի թաքնված լինելու մասին։ Ուստի նա այնքան ճարպիկ ու տեղին պատասխան տվեց, որ ամեն ոք ճշմարտություն կհամարեր այն առասպելը, որ նրանք երկուսով հերյուրում էին։
― Ես չէի կարծում, ― ասաց նա, ― չքնաղ Կամիլա, որ դու ինձ կանչել ես այստեղ, որպեսզի այնպիսի բաներից հարց ու փորձ անես, որ իմ գալու նպատակի հետ ոչ մի կապ չունեն։ Եթե դա մի հնար է ինձ խոստացածդ պարգևից խուսափելու համար, ապա ինչո՞ւ էիր ինձ առաջուց հուսադրում։ Չէ՞ որ այնքան ավելի է հրապուրում մեզ նպատակը, որքան ավելի մոտ է լինում հասնելու վայրկյանը։ Սակայն որպեսզի դու չմեղադրես ինձ, թե ես չպատասխանեցի քո հարցերին, ես քեզ կասեմ, որ ճանաչում եմ քո ամուսին Անսելմոյին։ Մենք մանուկ հասակից մտերիմ ենք եղել։ Ես չեմ խոսի մեր բարեկամության մասին, որ քեզ բավականին հայտնի է, որովհետև ես ստիպված պիտի լինեի խոստովանելու, որ վիրավորել եմ այդ բարեկամությունը։ Պատճառը՝ ամենակարող սերն է, որ արդարացնում է մեծագույն ոճիրները։ Քեզ էլ եմ ճանաչում ես և դու ինձ համար պակաս թանկ չես, քան թե նրա համար։ Եթե քո արժանիքները չլինեին, ես իմ պատվի և ճշմարիտ բարեկամության օրենքների հակառակ չէի գնա։ Բայց սերը հզոր թշնամի է՝ նա ստիպում է խախտել և բռնաբարել այդ օրենքները։
― Այդ անարժան խոստովանանքից հետո, ― ասաց Կամիլան, ― պատասխանի՛ր ինձ, մահացու թշնամի այն ամենի, ինչ արժանի է սիրո, ինչպե՞ս ես համարձակվում դու ներկայանալ ինձ, իմանալով, որ ես ― հայելի եմ, որի մեջ նայում է նա, որին դու պետք է հիշեիր, որպեսզի հասկանայիր, թե որքան անտեղի վիրավորում ես նրան։ Սակայն վա՜յ ինձ, ես, կարծեմ, սկսում եմ հասկանալ, թե ինչն է ստիպել քեզ պատվի պարտքը մոռանալու՝ երևի թե դու իմ մեջ նկատել ես որոշ ներողամտություն, ես չեմ անվանի սանձարձակություն, որովհետև նրա մեջ որոշ մտադրություն չի եղել։ Որովհետև երբ որ մեզ՝ կանանցս, թվում է, թե զգուշանալու կարիք չկա, մենք հաճախ անզգույշ կերպով մեզ թույլ ենք տալիս որոշ ազատություն մեր վարվեցողության մեջ։ Եթե այդպես չէ, ապա ասա ինձ, դավաճան, քո բոլոր աղերսանքներին ես գեթ մեկ բառով պատասխանե՞լ եմ, գեթ մեկ նշանով, որ քո մեջ կարող լիներ հույսի ստվեր առաջ բերել, թե քո պախարակելի ցանկությունը կարող է իրագործվել։ Մի՞թե ես խստությամբ ու զայրույթով չեմ վանել քո խոստումները, լսելով քո սիրո բացատրությունները։ Մի՞թե ես հավատ եմ ընծայել քո առատ խոստումներին, մի՞թե ես ընդունել եմ քո առավել առատ նվերները։ Սակայն ես կարծում եմ, որ սիրո հուրը չի կարող այդքան երկար բոցավառվել, եթե նրան չի սնում հույսը և քո խելագարության համար ես ինքս ինձ եմ մեղադրում։ Անշուշտ, իմ անփութությունը ուժ է տվել քո կրքին և ահա՛, ես կամենում եմ ինքս ինձ պատժել, որին դու ես արժանի։ Հիմա դու կտեսնես, որ ես իմ նկատմամբ պակաս անսիրտ չեմ, քան քո նկատմամբ։ Ես քեզ կանչել եմ, որ դու զոհի վկա լինես, որ ես կամենում եմ մատուցանել իմ հարգելի ամուսնու անարգված պատվին։ Դու բոլոր ուժով աշխատել ես վիրավորել նրան, ես ևս վիրավորվել եմ, զգուշանալով քո հետապնդումներից և դրանով քո անմաքուր մտադրությունները ամրացնելով ու քաջալերելով։ Մեկ էլ կասեմ՝ այն միտքը, որ իմ անզգուշությունը քո մեջ այդքան խելահեղ ցանկություն է արթնացրել, ինձ ամենից շատ է տանջում և դրա համար ես իմ սեփական ձեռքերով ուզում եմ ինձ մահապատժի ենթարկել, որովհետև եթե այդ ուրիշ վիրժառու անելու լինի, ապա միգուցե, իմ հանցանքի լուրը տարածվի։ Սակայն մեռնելով ես կսպանեմ և քաշ կտամ ետևիցս նրան, որի մահը կհագեցնի իմ վրեժխնդրության ծարավը։ Թող արդար և անոխակալ դատաստանը պատժի նրան, ով որ ինձ հասցրել է հուսահատության այդ աստիճանին։
Այդ ասելով, նա, մերկ դաշույնը ձեռքին, հարձակվեց Լոտարիոյի վրա այնպիսի ուժգնությամբ ու արագությամբ, որ նա մտածեց՝ իսկ եթե հանկարծ դա կեղծ չէ և կինը, իրոք, մտադիր է իրեն սպանե՞լ։ Նրան պետք եղավ գործադրել իր ամբողջ ուժը և ճկունությունը, որպեսզի բռնի նրա ձեռքը, ― այդքան զարմանալի ճշմարտանման էր ստում ու կեղծում Կամիլան։ Որպեսզի այդ պատկերը ավելի ևս համոզեցուցիչ դարձնի, նա վճռեց կնքել իր սեփական արյունով և դրա համար, համոզվելով (կամ ձևացնելով), որ չի կարող հարված հասցնել Լոտարիոյին, բացականչեց․
― Քանի որ բախտը մերժում է իմ արդարացի ցանկության կատարմանը ամբողջապես, որքան էլ նա ամենազոր լինի, նա չի կարող խանգարել ինձ գեթ մասամբ կատարելու։
Կամիլան ճիգ արեց և ազատեց իր ձեռքը, որ բռնել էր Լոտարիոն, և դաշույնի սուր ծայրը իրեն ուղղելով, սակայն, այն հաշվով, որ խորը չվիրավորի իրեն, խոցեց իր ձախ կողքը, մի քիչ ուսից ցածր և վայր ընկավ հատակի վրա, իբրև թե ուշագնաց եղավ։
Լոտարիոն էլ, Լեոնելան էլ, զարմացած ու ցնցված այս անցուդարձից, գլխի չէին ընկնում սա իրականությո՞ւն է, թե՞ խաղ։ Կամիլան պառկած էր նրանց աչքի առջև գետնին, արնաշաղախ։ Սարսափից շնչակտուր, Լոտարիոն հապճեպ նետվեց դեպի նա և պոկեց վերքի միջից դաշույնը, բայց տեսնելով, որ վերքն աննշան է, հանգստացավ և նորից զարմացավ չքնաղ Կամիլայի խորամանկությունից ու խելքից։ Որպեսզի իր դերից դուրս եկած չլինի, նա սկսեց վշտագին ու ձայնով ողբալ Կամիլային, իբրև ննջեցյալի, անեծք թափելով ոչ միայն իր վրա, այլև դժբախտության գլխավոր մեղապարտի։ Իմացած լինելով, որ բարեկամ Անսելմոն ամեն ինչ լսում է, նա այնպիսի բաներ էր ասում, որ նրան յուրաքանչյուր լսողը ավելի նրան կխճար, քան կործանված Կամիլային։ Լեոնելան իր տիրուհու ուսերից բռնած բարձրացրեց նրան և դրեց անկողնու վրա, աղաչելով, որ Լոտարիոն վազի բժշկի ետևից, որպեսզի ծածուկ բժշկի նրա վերքը։ Նա նույնպես խորհուրդ հարցրեց, թե ինչ ասի Անելմոյին, եթե պատահմամբ նա ավելի շուտ վերադառնալու լինի, քան թե Կամիլան առողջանա։ Լոտարիոն պատասխանեց, որ նա կարող է խելքին եկածն ասել և որ ինքը հիմա ի վիճալի չէ լավ խորհուրդ տալու։ Նա միայն խնդրեց, որ վերքից հոսող արյունը շուտով կանգնեցնի, ավելացնելով, որ ինքը հիմա պիտի մարդկանց աչքերից թաքնվի։ Այսպես գնաց նա, ձևացնելով իրեն դարդամահ եղած։ Հանելով այնպիսի տեղ, որտեղ ինքը մենակ էր և այլևս ոչ ոք նրան չէր կարող տեսնել, նա երկար ժամանակ երեսը խաչակնքում ու զարմանում էր, թե ինչ ճարտար կին է Կամիլան և ճարպիկը՝ Լեոնելան։ Նա միտք էր անում, թե հիմա որքան անսասան է Անսելմոյի համոզումը, որ իր կինը երկրորդ Պորցիան է։[145] Նա ուզում էր շուտով հանդիպել նրան և միասին տոնել այդ ձեռնարկի հաջողությունը։ Չէ՞ որ երբեք սուտը ճշմարտության վրա այսպիսի հաղթանակ տարած չի եղել աշխարհիս երեսին։ Լեոնելան, ինչպես ասվեց, կանգնեցրեց տիրուհու արյունը, ― իսկ արյունը ճիշտ այնքան էր դուրս եկել, որքան անհրաժեշտ է սարքովի բանը ճշմարտապատում երևեցնելու համար, ― ապա վերքը լվաց գինիով և կապեց, ինչպես կարողացավ, միաժամանակ այնքան ցավագին խոսելով, որ լոկ նրա խոսքերը, առանց նախընթացաբար տեղի ունեցածի, կարող էին Անսելմոյին համոզել, որ իր կինը՝ առաքինության մարմնացում է։ Վերջապես Կամիլան էլ խոսեց՝ նա ինքն իրեն թուլամորթ ու երկչոտ էր անվանում, գանգատվում էր, թե արիությունը լքեց իրեն վճռական վայրկյանին և թե չկարողացավ անջատվել ատելի կյանքից։ Նա խորհրուրդ էր անում Լեոնելայի հետ՝ պե՞տք է արդյոք պատահածի մասին պատմել սիրեցյալ ամուսնուն, սա էլ պատասխանում էր, որ լավ է չպատմել, թե չէ Անսելմոն հարկ կհամարի վրեժխնդիր լինել Լոտարիոյից, իսկ դա կնշանակի, որ նա իր կյանքը վտանգի տակ կդնի, իսկ բարի կինը չպիտի հրի իր ամուսնուն կռվի, այլ ընդհակառակը՝ պետք է նրան ետ պահի։ Կամիլան պատասխանեց, որ խորհուրդն իր սրտով է և ինքը կհետևի, սակայն, այնուհանդերձ պետք է խորհել, թե ինչպես բացատրել Անսելմոյին վերքի ծագումը, որ նա չի կարող չնկատել։ Դրան Լեոնելան պատասխանեց, որ ինքը անգամ հանաք֊հանաք չի կարող սուտ ասել։
― Ավա՜ղ, ես էլ, ― ասաց Կամիլան։ ― Ես սիրտ չեմ անի մի բան սարքել՝ կամ հնարել, անգամ եթե դրանից կախված լինի իմ կյանքը։ Իսկ քանի որ դրանից բան դուրս չի գա, ապա ավելի լավ չի՞ լինի, առանց խորամանկություն բանեցնելու, Անսելմոյին ասել զուտ ճշմարտությունը։
― Հոգ մի տանիր, տիրուհի, ― պատասխանեց Լեոնելան, ― ես մինչև էգուց մի բան կխորհեմ։ Ասենք՝ վերքդ էլ այնպիսի տեղում է, որ ով գիտե, գուցե հաջողվի թաքցնել ամուսնուցդ։ Աստված ողորմած է, նա կօգնի մեր ազնիվ և արդարացի մտադրությունն իրագործելու։ Իսկ հիմա հանգստացիր, տիրուհի, և աշխատիր հանդարտվել, որպեսզի Անսելմոն քեզ այդքան հուզված չտեսնի։ Մնացածը ինձ վրա դիր և Աստծու, որ միշտ օգնում է բարի մտադրություններն իրագործելու։
Ուշի ուշով լսում էր Անսելմոն և տեսնում իր պատվի եղերնագործության մահվան ներկայացումը, որի գործող անձինք այնպիսի հափշտակությամբ և այնքան բնական էին խաղում, որ ասես թե այն մարդիկն էին դառել, որոնց դերը կատարում էին։ Նա անհամբեր սպասում էր իրիկնաժամին, որպեսզի տնից դուրս գա, հանդիպի իր բարի բարեկամ Լոտարիոյին և նրա հետ տոնի այդ ուրախ անցքը՝ չէ՞ որ նա կասկածում էր իր կնոջ հավատարմությանը, իսկ դուրս եկավ, որ նա առաքինության գոհար է։ Կամիլան ու Լեոնելան նրան հարմար առիթ տվին հանդերձատնից դուրս գալու համար և նա իսկույն օգտագործեց այդ առիթն ու շտապեց Լոտարիոյի մոտ։ Դժվար է պատմել, թե ինչպես էր նա գրկում Լոտարիոյին, արտահայտում իր հիացումն ու գովաբանում Կամիլային։ Լոտարիոն լսում էր և չէր կարողանում ստիպել իրեն դեմքին ուրախ արտահայտություն տալու, որովհետև նա միտք էր անում, թե ի՜նչ սաստիկ խաբված է Անսելմոն և ինչ անարդարացի նա վիրավորել է իր բարեկամին, իսկ Անսելմոն, տեսնելով որ նա տխուր է, մտածեց, որ իր բարեկամին տանջում է Կամիլայի վերքի մասին միտքը և այն, որ ինքն է մեղավոր։ Ուստի նա ի միջի այլոց ասաց Լոտարիոյին, որ Կամիլայի վիճակը նրան չպիտի անհանգստացնի, որ վերքն, անկասկած, վտանգավոր չէ, քանի որ իրենք մտադիր են իրենից թաքցնել և որ հուզվելու կարիք չկա, ― հետևաբար Լոտարիոն կարող է իր հետ ուրախանալ ու ցնծալ՝ չէ՞ որ նրա օգնության և խորամանկության նրա բարեկամը հիմա երջանկության գագաթնակետին է հասել։ Մի բան է նրան մնացել անելու՝ ոտանավորներ ձոնել Կամիլային, որպեսզի անմահացնի նրա հիշատակը գալիք սերունդների համար։ Լոտարիոն գովեց նրա իմաստուն որոշումը և ասաց, որ կարյաց չափ կաջակցի այդ հոյակապ հուշարձանի կառուցմանը։
Աշխարհիս երեսին դեռ ոչ ոք այդքան զվարճալի խաբված չի եղել, ինչպես Անսելմոն։ Նա ինքը, ձեռքից բռնած, իր տունը մտցրեց նրան, որին նկատում էր իբրև իր փառքի գործիք և որ նրա բարի անվան կործանողը դարձավ։ Կամիլան նրան դիմավորեց քիթ ու մռութը կիտած, բայց ուրախ սրտով։ Այդ խաբեությունը միաժամանակ շարունակվեց, մինչև որ մի քանի ամիս անց, բախտը շուռ տվեց իր անիվը։ Եվ հանցագործությունը, որ մինչ այդ այնքան վարպետորեն թաքցված էր, աշխարհ դուրս եկավ, և Անսելմոն զրկվեց կյանքից իր անխոհեմ հետաքրքրության համար։
Գլուխ XXXV
Ուր պատմվում է դոն Կիխոտի դժնակ և արտասովոր մարտի մասին ընդդեմ կարմիր գինու տկերի և Անխոհեմ հետաքրքիրի վեպի վերջավորությունը
Մինչև վեպի ընթերցանության ավարտումը մի քանի էջ էր մնացել, որ դոն Կիխոտի քնած սենյակից սարսափահար դուրս վազեց Սանչո Պանսան գոռալով․
― Վազեք այստեղ, սինյորներ, շտապով օգնության հասեք։ Իմ տերը դժնակ պայքար է մղում, որից ահավորը իմ աչքերը դեռ չեն տեսել։ Աստված վկա, նա այնպիսի հարված հասցրեց հսկային՝ Միկամիկոնայի տիրուհի իշխանուհու թշնամուն, որ գլուխը թռցրեց, բողկի պես։
― Այդ ի՞նչ եք ասում, եղբայր, ― ասաց քահանան՝ ընդհատելով ընթերցանությունը։ ― Խելքդ գլխի՞դ է, Սանչո։ Ինչպե՞ս կարող է այդ պատահել, սատանան տանի, քանի որ հսկան այստեղից երկու հազար մղոն հեռու է։
Այդ միջոցին սենյակից լսվեց դոն Կիխոտի սաստիկ աղմուկն ու աղաղակը։
― Կա՛ց, գող, ավազակ, դավաճան, դու իմ ձեռքում ես և քո յաթաղանը քեզ չի օգնի։
Եվ թվում էր, որ միևնույն ժամանակ նա կատաղի հարվածներ էր հասցնում պատերին։ Սանչոն ասաց․
― Ի՞նչ եք կանգնել, ականջ դնում, եկեք, բաժանեցեք նրանց կամ թե օգնեցեք տիրոջս, թեև, կարծեմ, կարիք չկա, որովհետև անտարակույս հսկան սպանված է և հիմա Աստծուն հաշիվ է տալիս իր անցյալ անբարիշտ կյանքի համար։ Ես տեսա, ինչպես էր արյունը թափվում և ինչպես թռավ նրա գլուխը՝ գինով լիքը տկի մեծությամբ։
― Գետինը մտնե՜մ, ― ասաց պանդոկապանը, ― այդ դոն Կիխոտը թե դոն Դևը կարմիր գինով լիքը տկերից մեկն է ճղել, որ նրա գլխի վերևը կախած է։ Գինին թափվել է, իսկ այդ ղոչաղը երևակայել է, թե արյուն է։
Այս խոսքերով նա բոլոր մնացածների ուղեկցությամբ ներս մտավ սենյակը և նրանք տեսան դոն Կիխոտին ամենազարմանալի հագուստով։ Նա մի շապիկ ուներ հագին, այն էլ այնքան կարճ, որ առջևից հազիվ էր ծածկում նրա ազդրերը, իսկ ետևից մի վեց մատ էլ ավելի կարճ էր։ Նրա մազմզոտ, երկար ու նիհար ոտները բավական կեղտոտ էին։ Նրա գլխին կարմիր ու յուղոտ գիշերային գլխարկ էր դրած, որ պատկանում էր պանդոկապանին։ Ձախ ձեռին փաթաթել էր Սանչոյին ատելի վերմակը, իրեն լավ հայտնի պատճառով, իսկ աջ ձեռքով բռնել էր մերկ թուրը, որով հարվածում էր աջ ու ձախ այնպիսի գոռոցով, ասես թե իսկ որ հսկայի հետ կռվելիս լիներ։ Սակայն ամենազվարճալին այն էր, որ այդ ամենը նա աչքերը խուփ էր անում՝ նա քնել ու երազում տեսել էր, իբր թե կռվում է հսկայի հետ։ Նրա երևակայությունն այնքան էր զբաղված առաջիկա մարտի մտքերով, որ նա երազում տեսավ, իբր թե հասել է Միկոմիկոն թագավորությունը և մարտնչում է իր թշնամու դեմ։ Եվ նա այնպես պատառբզիկ արեց տկերը, ընդունելով նրանց հսկայի տեղ, որ ողջ սենյակը ողողված էր գինով։ Այդ տեսնելով պանդոկապանը կատաղեց և, բռունցքները սեղմելով, հարձակվեց դոն Կիխոտի վրա, սկսեց նրան այնպես ծեծել, որ եթե Կարդենիոն ու քահանան չլինեին, կռիվը հսկայի հետ ավարտված կլիներ։ Սակայն ծեծն էլ չարթնացրեց խեղճ ասպետին։ Դալլաքը ստիպված ջրհորից մի մեծ կաթսա սառը ջուր բերեց և թափեց նրա գլխին։ Այստեղ միայն նա զարթնեց, այն էլ ոչ այն աստիճան, որ նկատեր, թե ինչ ունի հագին։ Դորոթեան, հայացք գցելով նրա թեթև ու կարճ հագուստին, սիրտ չարեց ներկա գտնվելու իր պաշտպանի և իր թշնամու մարտին։ Իսկ Սանչոն ամենուրեք հսկայի գլուխը որոնելուց հետո, ասաց․
― Ես արդեն գիտեի, որ այս տանը ամեն ինչ հմայված է։ Անցյալ անգամ, հենց այս տեղում, որտեղ ես կանգնած եմ, հազար հարված ստացա, իսկ թե ումից՝ չգիտեմ։ Այդպես էլ նրան չտեսա։ Հիմա էլ, ահա՝ գլուխը կորավ, մինչդեռ ես սեփական աչքերով տեսա, ինչպես կտրեցին, ինչպես արյունը հորդեց շատրվանի պես։
― Ի՜նչ արյուն, ի՜նչ շատրվան։ Աստված բոլոր սրբերի հետ թող քեզ պատժի՜, ― գոռաց պանդոկապանը, ― մի՞թե դու, սրիկա, չես տեսնում, որ արյան այս ամբողջ շատրվանը ծակծկված տիկերից է և այստեղ կարելի է կարմիր գինու մեջ լողանալ։ Թող նա հանդերձյալ կյանքում սատանաների մոտ այդպես լողանա, տե՜ս, ինչպես է ծակծկել, է՜։
― Բան չեմ հասկանում, ― պատասխանեց Սանչոն, ― միայն կասեմ որ, եթե ես այնքան դժբախտ լինեմ, որ այդ գլուխը չգտնեմ, ապա իմ կոմսությունը կլուծվի, ինչպես աղը ջրի մեջ։
Սանչոն արթմնի ավելի վատթար էր, քան իր տերը երազում՝ այնպես էին դոն Կիխոտի խոստումները պտտցրել նրա գլուխը։ Պանդոկապանը, կատաղած ծառայի պաղարյությունից և տիրոջ անկարգապահությունից, երդում էր ուտում, որ այս անգամ նրանց չի հաջողվի առաջվա պես առանց վճարելու գնալ։ Հիմա նրանց ասպետական արտոնությունները չեն օգնի։ Նա կստիպի վճարել անգամ ծակված տկերի կարկատանների համար։ Քահանան բռնել էր դոն Կիխոտի ձեռները, իսկ դոն Կիխոտը, համարելով, որ իր սխրագործությունը կատարված է, և որ իր առջև իշխանուհի Միկոմիկոնան է, չոքեց քահանայի առջև և ասաց․
― Այսուհետև, ձերդ մեծություն, բարձրազարմ ու ազնիվ տիրուհի, դուք կարող եք ապրել հանգիստ, առանց երկյուղ կրելու այդ ստոր էակի դավերից։ Իսկ ես այսուհետև ազատ եմ ինձ վրա վերցրած պարտավորությունից, քանի որ Աստծու օգնությամբ և ողորմությամբ այն կնոջ, որի համար ես ապրում ու շնչում եմ, խոստումս կատարեցի։
― Ես չէ՞ի ասում, ― բացականչեց Սանչոն։ ― Ես հո հարբած չէի։ Մտիկ տվեք, թե իմ տերը ինչպես է աղաջրի մեջ դրել հսկային։ Եզների ճաշն եփած է,[146] կոմսությունս տարա՜ծ։
Ինչպե՞ս մարդ ծիծաղը պահեր, լսելով այս երկու ցնդածներին՝ տիրոջն ու ծառային։ Բոլորն էլ ծիծաղեցին, բացի պանդոկապանից, որ շուն էր կտրել։ Վերջապես դալլաքին, Կարդենիոյին և քահանային հաջողվեց մի կերպ դոն Կիխոտին պառկեցնել անկողին։ Նա քնեց և երևում էր, որ ծայր աստիճան հյուծվել է։ Նրանք թողին քնածին և դուրս եկան նախասենյակ՝ մխիթարելու Սանչո Պանսային, որը հսկայի գլուխը չկարողանալով գտնել, բոլորովին հուսահատվել էր։ Սակայն ամենադժվարը նրանց համար պանդոկապանին հանգստացնելն էր, որ լալիս էր իր հանկարծամահ տիկերի համար։ Իսկ պանդոկապանի կինն այդ պահին լաց ու կոծի մեջ էր։
― Անիծված վայրկյանին և տարաժամ մեզ մոտ եկավ այդ թափառական ասպետը։ Երանի՜ նրան տեսած չլինեի, այնքան թանկ նստեց նա մեզ վրա։ Անցյալ անգամ նա գնաց առանց վճարելու ընթրիքի, անկողնու, դարմանի, վարսակի համար, որ վերցրել էր իրեն, իր զինակրի, ձիու և էշի համար։ Նա հայտարարեց, որ ինքը ասպետ է, արկածախնդիր, Աստված նրա և ուրիշ ասպետների գլխին թող այնպիսի արկած բերի, որ նրանք ողջ կյանքը հիշեն ― և, որ նա պարտավոր չէ վճարելու։ Իբրև թե թափառական ասպետների կանոնադրության մեջ այդպես էլ գրած է։ Հետո էլ, նրա երեսից, այս սինյորը եկավ մոտս և տարավ պոչս, որ վերադարձրեց ինձ այնքան փչացած, որ վնասը երկու կուարտիլյոյից[147] ավելի կլինի ― այնքան մազը պոկել է, որ մարդս այլևս չի կարող նրան բանեցնել։ Իսկ այդ ամենը լրացնելու և պսակելու համար այդ անիծյալ ասպետը տկերս ծակծկոտեց և միջի գինին ողջ թափեց՝ թող նրա արյունը այդպես թափվի՜։ Թող նա չերևակայի, որ էժան կպրծնի՝ երդվում եմ հորս ոսկորներով և մորս կյանքով, նա կվճարի այդ ամենի համար մինչև վերջին կոպեկը, թե չէ ես՝ ես չեմ լինի և հորս աղջիկը չեմ լինի։
Տանտիրուհին, սաստիկ զայրացած, շատ ուրիշ բաներ էլ ասաց, նրա բարի սպասուհի Մարիտորնեսն էլ ձայնակցում էր նրան։ Իսկ նրա աղջիկը լուռ էր և մերթ֊մերթ քմծիծաղ էր տալիս միայն։ Վերջապես քահանան նրանց հանգստացրեց, խոստանալով լավ վարձատրություն թե՛ տկերի, թե՛ գինու համար և մանավանդ կովի պոչը փչացնելու համար, որ նրանք այդքան գնահատում էին։ Դորոթեան մխիթարեց Սանչո Պանսային, ասելով, թե հենց որ հաստատվի, որ նրա տերը գլխատել է հսկային և ինքը խաղաղ տիրանա իր թագավորությանը, Սանչոն այնտեղ կստանա լավագույն կոմսությունը։ Սանչոն հանգստացավ և սկսեց հավատացնել իշխանուհուն, որ ինքն, անկասկած, տեսել է հսկայի գլուխը, և որ այդ գլխի միրուքը մինչև գոտին էր հասնում, իսկ չքացել է այն պատճառով, որ այս տանն ամեն ինչ հմայված է, ինչպես նա արդեն համոզվել է անցյալ անգամվանից։ Դորոթեան պատասխանեց, որ ինքն էլ է այդպես կարծում, ուստի չարժե նեղություն քաշել, ամեն ինչ լավ կլինի և բանը կհեշտանա։ Երբ որ բոլորը խաղաղվեցին, քահանան առաջարկեց վեպի ընթերցանությունն ավարտել, որովհետև քիչ էր մնացել։ Կարդենիոն, Դորոթեան և մնացյալները, բոլորն էլ խնդրեցին նրանից նույնը։ Տեսնելով, որ նրանք նույն հաճույքով լսում են, ինչ հաճույքով ինքը կարդում է, նա նորից վերցրեց ձեռագիրը և կարդաց հետևյալը․
Վստահությունը, որ Անսելմոն կարծում էր, թե ձեռք է բերել իր կնոջ առաքինության նմատմամբ, դարձրել էր նրան աշխարհիս ամենագոհ ու երջանիկ մարդը։ Կամիլան, իր սերը Լոտարիոյի նկատմամբ ավելի լավ թաքցնելու համար այնպես էր ձևացնում, իբրև թե զզվում է նրանից։ Վերջապես Լոտարիոն, վերջնականապես Անսելմոյին իր կարծիքի մեջ հաստատ պահելու համար, խնդրեց նրանից, որ թույլ տա իրեն քաշվելու, քանի որ իր ներկայությունն այնքան անախորժ է Կամիլային։ Սակայն խաբված Անսելմոն ամենևին դրան չհամաձայնեց։ Այդպիսով և հազար ու մի այլ եղանակներով Անսելմոն ինքը նպաստեց իր անպատվությանը, երևակայելով, որ հասել է երջանկության։ Այնինչ Լեոնելան, հպարտացած, որ տիրուհին ճանաչել է իր սիրային կապը, հասավ կատարյալ սանձարձակության և այլևս ոչ մի բանի վրա ուշ չէր դարձնում, հավատացած լինելով, որ տիրուհին ոչ միայն կծածկի, այլև կպաշտպանի, ուստի կարող է անձնատուր լինել սիրային հաճույքներին՝ առանց մի բանից զգուշանալու։ Եվ ահա մի գիշեր Անսելմոն Լեոնելայի սենյակում ոտնաձայն լսեց։ Նա կամեցավ ներս մտնել և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց զգաց, որ մեկը ներսից բռնած պահում է դուռը։ Նա ավելի սաստիկ կամեցավ բաց անել, լարեց ուժերը, դուռը տեղի տվեց և նա նկատեց, որ մի մարդ լուսամուտից թռավ փողոց։ Նա նետվեց, որ անհայտ մարդուն բռնի կամ գոնե տեսնի նրա երեսը, բայց չկարողացավ անել ոչ այս, ոչ էլ այն, որովհետև Լեոնելան փաթաթվեց նրան ձեռներով և սկսեց խոսել․
― Հանգստացեք, տեր իմ, մի՛ հուզվեք և մի՛ վազեք նրա ետևից։ Ե՛ս եմ միայն խառնված այդ գործին, այդ անծանոթը իմ ամուսինն է։
Անսելմոն նրան չհավատաց։ Ցասումից կուրացած՝ նա դաշույնը ձեռք գցեց, քաշեց Լեոնելայի վրա, մահ սպառնաց, եթե նա ողջ ճշմարտությունը իրեն պատմելու չլինի։ Լեոնելան ահից խելակորույս ասաց․
― Մի՛ սպանեք ինձ, տեր իմ, ես ձեզ ավելի կարևոր բան կպատմեմ, քան դուք կարող եք երևակայել։
― Դե, ասա, ― գոռաց Անսելմոն, ― կամ թե չէ դու իսկույն կմեռնես։
― Հիմա չեմ կարող պատմել, ― պատասխանեց Լեոնելան, ― որովհետև ես չափազանց հուզված եմ։ Սպասեցեք մինչև առավոտ և դուք մի զարմանալի բան կիմանաք։ Միայն թե հավատացեք, որ լուսամուտից դուրս թռչողը մեր քաղաքացի մի երիտասարդ է, որ խոստացել է ամուսնանալ ինձ հետ։
Անսելմոն հանգստացավ և համաձայնեց հետաձգել, որովհետև նրա մտքին էլ չէր անցնում, որ սպասուհին իրեն Կամիլայի մասին է բան պատմելու՝ այնքան վստահ էր նրա հավատարմությանը։ Ուստի նա դուրս եկավ սենյակից, թողնելով մեջը Լեոնելային և փակելով դռան կողպեքը բանալիով, ասելով նրան, թե բաց չի թողնի, մինչև որ նա ամեն ինչ իրեն չպատմի։
Ապա նա գնաց Կամիլայի մոտ և հայտնեց նրան այն ամենը, ինչ որ պատահել էր իր և Լեոնելայի միջև, հիշատակելով նաև այն, որ սպասուհին իրեն խոսք է տվել ինչ որ շատ կարևոր և նշանակալից բան պատմելու։ Ավելորդ է նկարագրել Կամիլայի շփոթմունքը, որը հասկացավ (և չէր սխալվում), թե Լեոնելան մտադիր է պատմելու Անսելմոյին իր դավաճանության մասին։ Նրան այնպիսի սարսափ պատեց, որ վճռեց չսպասել՝ կճշտվի՞ իր կասկածը, թե՞ ոչ։ Նույն գիշերը, հենց որ նա նկատեց, որ Անսելմոն քնել է, թաքուն թողեց տունը, վերցնելով հետը մի քիչ փող և իր լավագույն թանկարժեք իրեղենները և, գալով Լոտարիոյի մոտ, պատմեց նրան եղելության մասին, աղերսելով, որ նա կամ թաքցնի իրեն, կամ իր հետ փախչի հեռու Անսլեմոյից։ Կամիլայի խոսքերը այնպես շփոթեցրին Լոտարիոյին, որ նա ուժ չուներ ոչ պատասխան տալու, ոչ որևէ բան ձեռնարկելու։ Վերջապես նա միտք արեց տանելու նրան մի վանք, որի մայրապետը իր քույրն էր։ Կամիլան համաձայնեց և շուտափույթ, ինչպես պահանջում էին հանգամանքները, Լոտարիոն նրան տարավ, թողեց այնտեղ, իսկ ինքը առանց մեկն ու մեկին նախազգուշացնելու լքեց քաղաքը։
Հետևյալ առավոտ Անսելմոն վեր կացավ և, մտահոգված լինելով, թե ինչ է իրեն պատմելու Լեոնելան, անգամ չնկատեց Կամիլայի բացակայությունը, իսկույն գնաց այն սենյակը, որի մեջ երեկ կողպել էր Լեոնելային։ Նա դուռը բաց արեց, ներս մտավ, բայց սպասուհին չկար։ Լուսամուտից ցած կախվել էին սավաններ և պարզ վկայում էին, որ նա նրանցով ցած է իջել ու փախել։ Վշտացած, նա ետ գնաց, որ պատմի Կամիլային, բայց չգտավ նրան ոչ անկողնում, ոչ ամբողջ տանը, մի բան, որից ամենից շատ մռայլվեց նա։ Նա սկսեց հարց ու փորձ անել ծառաներից, սակայն ոչ ոք նրանցից չկարողացավ նրան պատասխան տալ։ Կամիլային որոնելուց նա պատահաբար դեմ առավ նրա սնդուկներին՝ նրանք բաց էին և շատ թանկարժեք իրեր պակաս էին։ Այստեղ նա ըմբռնեց, թե ինչ աղետ է եկել իր գլխին և կռահեց, որ այդ աղետի պատճառը Լեոնելան չէր։ Ապա նա, ինչ որ կար հագին, առանց հագնվելը պրծնելու, վշտահար ու մտամոլոր գնաց, որ իր դարդը պատմի իր բարեկամ Լոտարիոյին։ Սակայն երբ որ նա նրան էլ չգտավ և սպասավորները հաղորդեցին նրան, որ Լոտարիոն գիշերով գնացել է տնից, վերցնելով հետը բոլոր իր փողերը, Անսելմոյին թվաց, թե կորցնում է իր բանականությունը։ Ի լրումն բոլոր դժբախտությունների, երբ որ նա վերադարձավ տուն, տեսավ, որ բոլոր սպասավոր֊սպասուհիները փախել են և որ իր տունը լքված ու դատարկ է։
Նա չգիտեր՝ ինչ մտածեր, ինչ ասեր, ինչ աներ և կամաց֊կամաց զգում էր նա, որ կորցնում է գլուխը։ Նա տեսավ, որ վայրկյանապես մնացել է առանց կին, առանց բարեկամ, առանց ծառաների, երկինքն էլ է աչքաթող արել իրեն և դրանց վրա ավելանում է իր անպատվությունը, որովհետև Կամիլայի փախուստը նա իր կործանումն էր համարում։ Վերջապես, երկար խորհելուց հետո նա վճռեց գնալ իր բարեկամի մոտ՝ գյուղը, ուր որ նա առաջ գնում էր, աջակցելով իր սեփական կործանումին։ Նա դռները կողպեց, ձի հեծավ և վշտահար ճամփա ընկավ։ Սակայն, ճանապարհը դեռ չկիսած, նա ստիպվեց իջնել ձիուց՝ այնքան անտանելի էին նրա հոգեկան տանջանքները։ Նա ձին կապեց ծառից, ընկավ գետին և սկսեց ցավագին ու աղեխարշ հառաչել։ Այդպես մինչև իրիկուն նա պառկած մնաց, մինչև որ տեսավ քաղաքից ձիով եկող մի մարդու։ Ողջունելով նրան՝ նա հարցրեց նրանից, թե ինչ նորություն կա Ֆլորենցիայում։ Քաղաքացին պատասխանեց․
― Շատ զարմանալի, երբեք չլսված բաներ։ Ասում են թե՝ Լոտարիոն, մեծահարուստ Անսելմոյի հավատարիմ բարեկամը, որ սուրբ Հովաննեսի մոտ է կենում, այս գիշեր հափշտակել է նրա կնոջը՝ Կամիլային։ Ինքը՝ Անսելմոն էլ անհետացել։ Այդ ամենը Կամիլայի սպասուհին է պատմել։ Պահակը վրա է հասել նրան այն վայրկյանին, երբ որ նա սավաններից կախ ընկած իջնելիս է եղել Անսելմոյի տնից։ Ասենք՝ ստույգ չգիտեմ, թե բանը ինչպես է եղել։ Գիտեմ միայն, որ ողջ քաղաքը ապշել է այդ դեպքից, որովհետև նման բան բնավ չէր կարելի սպասել։ Ախր, ասում են, որ Անսելմոյի և Լոտարիոյի միջև այնպիսի ջերմ ու սերտ բարեկամություն է եղել, որ նրանց այլ կերպ կոչելիս չեն եղել, քան երկու բարեկամներ։
― Պատահաբար չգիտե՞ք արդյոք, ― հարցրեց Անսելմոն, ― ինչ ճանապարհով են գնացել Լոտարիոն ու Կամիլան։
― Բոլորովին չգիտեմ, ― պատասխանեց քաղաքացին, ― միայն թե պահակը նրանց խիստ հետամուտ է։
― Բարի ճանապարհ ձեզ, սինյոր, ― ասաց Անսելմոն։
― Մնաք բարով, ― պատասխանեց քաղաքացին և շարունակեց իր ճամփան։
Այդ ցավալի լուրից Անսելմոն զգաց, որ մոտ է ոչ միայն խելքից, այլև կյանքից զրկվելու։ Դժվարությամբ վեր կենալով, նա ուղևորվեց իր բարեկամի մոտ, որը դեռևս նրա դժբախտության մասին բան չգիտեր։ Սակայն տեսնելով Անսելմոյի նիհարած ու այլայլված դեմքը, նա իսկույն ըմբռնեց, որ նրա գլխին մեծ դժբախտություն է եկել։ Անսելմոն խնդրեց նրանից, որ թույլ տա իրեն պառկելու և գրիչ ու թուղթ տա։ Նրա խնդիրքը կատարվեց՝ նրան պառկեցրին անկողին, թողին մենակ և անգամ նրա ցանկացածին պես դուռն էլ փակեցին։ Մենության մեջ գլխին եկած ցավի միտքը սկսեց նրան ավելի սաստիկ մաշել և իր տանջանքների մեջ նա զգաց, որ վրա է հասնում իր կյանքի վախճանը։ Ապա նա վճռեց նամակով բացատրել իր արտասովոր մահվան պատճառը։ Նա սկսեց գրել, սակայն դեռ ողջ ուզածը չհաղորդած, շնչակտուր եղավ և տանջանքի մեջ նա շունչը փչեց և դրանով վճարեց իր անմիտ հետաքրքրության համար։ Տանտերը, տեսնելով արդեն ուշ է, իսկ Անսելմոն դեռ նրան չի կանչում, որոշեց մտնել և հարցնել՝ հո ավելի վատ չի՞ զգում իրեն։ Անսելմոն կիսանստած էր մահճակալի վրա, կուրծքը հենած սեղանին և գլուխը խոնարհած բաց, անավարտ նամակի վրա։ Գրիչը դեռ նրա ձեռքին էր։ Տանտերը մոտեցավ և առաջ ձայն տվեց, ապա թե, պատասխան չստանալով, բռնեց նրա ձեռքից։ Ձեռքը պաղ էր։ Անսելմոն մեռած էր։ Տանտերը, սաստիկ զարմացած և վշտացած, կանչեց ծառաներին, որ վկա լինեն Անսելմոյի վախճանին։ Ապա նա վերցրեց նամակը և համոզվելով, որ ննջեցյալի սեփական ձեռքով է գրած, կարդաց հետևյալը․
«Հիմար ու անմիտ ցանկությունը զրկեց ինձ կյանքից։ Եթե իմ մահվան լուրը Կամիլային հասնելու լինի, ապա թող նա իմանա, որ ներում եմ նրան, որովհետև նրա ուժերից վեր է եղել հրաշք գործելը, և ես պետք չէ, որ նրանից պահանջեի այդ։ Ես ինքնս եմ իմ խորտակության մեղապարտը, ուստի և․․․»
Դրանով ընդհատվում էր նամակը։ Պարզ էր, որ այդ իսկ վայրկյանին, առանց նախադասությունը վերջացնելու, Անսելմոն վախճանվել էր։ Մյուս օրը Անսելմոյի բարեկամը հաղորդեց նրա ծնողներին, որոնք արդեն գիտեին իրենց որդուն հասած դժբախտության և Կամիլայի վանք քաշվելու մասին։ Անհավատարիմ կինը հազիվ չհետևեց իր ամուսնուն նրա վերջին ճամփորդության մեջ՝ ոչ թե նրա մահվան լուրն առնելու պատճառով, այլ ուրիշ լուրի համար, ― իր բարեկամի փախուստի համար։ Եվ, ասում են, այրիացած, նա ոչ կամեցել է դուրս գալ վանքից, ոչ միանձնուհի ձեռնադրվել, մինչև որ նրան շուտով չհասավ Լոտարիոյի կործանման լուրը։ Նա սպանվել էր Նեապոլի թագավորության մեջ Լոտրեկի և Մեծ կապիտան Գոնսալո Ֆերնանդո Կորդովցու միջև տեղի ունեցած ճակատամարտում։[148] Այդպես ավարտեց շատ ուշ զղջացած բարեկամը։ Իմանալով դրա մասին, Կամիլան ձեռնադրվեց միանձնուհի և ցավ ու վշտի մեջ կարճ ապրեց։ Ահա թե ինչ վախճանի հասցրեց նրանց բոլորին մեկի անխոհեմ ցանկությունը։
― Ես հավանում եմ վեպին, ― ասաց քահանան, ― միայն թե ես բնավ չեմ կարող հավատալ, որ դա ճշմարտություն է։ Իսկ եթե այդ ամենը հնարովի է, ապա անհաջող է հնարած, որովհետև չի կարելի երևակայել աշխարհիս երեսին այդքան անխոհեմ ամուսնու գոյությունը, որը սիրտ աներ այդքան վտանգավոր փորձի։ Եթե սիրահարների միջև նման բան կարող է պատահել, ապա մարդ ու կնոջ միջև՝ դա ուղղակի անհնար է։ Իսկ շարադրության եղանակին ես բավական հավանում եմ։
Գլուխ XXXVI
Ուր պատմվում է պանդոկում պատահած այլ հազվադեպ անցքերի մասին
Այդ միջոցին պանդոկի դարպասի մոտ կանգնած պանդոկապանն ասաց․
― Ահա ճամփորդների մի լավ խումբ։ Եթե նրանք այստեղ իջևանելու լինեն լա՜վ կշահվեինք։
― Ի՞նչ տեսակ մարդիկ են, ― հարցրեց Կարդենիոն։
― Չորսը՝ ձիավոր թեթև հեծելասարքով՝ ծածկված սև դիմակներով,[149] նիզակներով ու վահաններով, հետներն էլ մի կին, կնոջական թամքի վրա նստած, ճերմակ զգեստով և նույնպես դիմակով, իսկ ետևներից երկու ծառա։
― Նրանք արդեն մո՞տ են, ― հարցրեց քահանան։
― Այնքան մոտ, ― պատասխանեց պանդոկապանը, ― որ ըհը՛ ― այստեղ կլինեն։
Այդ լսելով Դորոթեան երեսը շղարշ քաշեց, իսկ Կարդենիոն գնաց դոն Կիխոտի սենյակը։ Հազիվ էին նրանք այդ նախազգուշական միջոցները ձեռք առել, որ ճամբորդները, որոնց մասին ասաց պանդոկապանը, կանգ առան պանդոկի դարպասի առջև։ Չորս ձիավոր՝ գեղեցիկ շարժ ու ձևերով, վայելչակազմ, իջան ձիուց, օգնեցին իրենց ուղեկցուհուն իջնել ձիուց և նրանցից մեկը, բռնելով նրա ձեռքը, նստացրեց բազկաթոռի վրա, որ դրած էր այն սենյակի դռան առջև, ուր անհետացավ Կարդենիոն։ Այդ ամբողջ ժամանակի ընթացքին ո՛չ տղամարդիկ, ո՛չ կինը մի բառ չարտասանեցին և չհանեցին դիմակները։ Միայն, բազկաթոռի վրա նստելիս, անծանոթ կինը խորը հոգվոց քաշեց և ձեռնաթափ եղավ, ասես թե հիվանդ ու ուժասպառ լիներ։ Ծառաները, որ ոտով էին եկել, ձիերին գոմ քաշեցին։
Այդ տեսնելով՝ քահանան հետաքրքիր եղավ հարցնելու, թե այդ դիմակավոր ու լուռ մարդիկ ովքե՞ր են։ Նա գնաց ծառաների հետևից և նրանցից մեկին հարցրեց այն, ինչ որ ուզում էր իմանալ։ Ծառան պատասխանեց․
― Ճիշտն ասած, սինյոր, չեմ կարող ասել, թե դա ինչ սինյորներ են։ Մի բան միայն գիտեմ, որ, ըստ երևույթին, շատ կարևոր մարդիկ են, մանավանդ նա, որ բռնեց կնոջ ձեռքից, որին դուք տեսաք։ Ես նրանից եմ հետևցնում, որ բոլոր մնացածները նրան հարգանք են ցույց տալիս և ինչ որ կատարվում է՝ բոլորը նրա կարգադրությամբ ու հրամանով է։
― Իսկ կի՞նն ով է, ― հարցրեց քահանան։
― Այդ էլ չեմ կարող ասել, ― պատասխանեց ծառան, ― որովհետև ողջ ճամփան անցնելով ես նրա երեսն էլ չեմ տեսել։ Միայն թե շատ անգամ լսել եմ, ինչպես նա հոգվոց է քաշում ու հառաչում, որ ասես թե ահա՛ շունչը կփչի։ Զարմանալի էլ չէ, որ մենք բան չգիտենք, որովհետև ես ու ընկերս միայն երկու օր է, ինչ ուղեկցում ենք նրանց։ Նրանք մեզ պատահեցին ճամփին և սկսեցին խնդրել ու համոզել, որ մենք ուղեկցենք նրանց մինչև Անդալուզիա և խոստացան լավ էլ վարձատրել։
― Չե՞ք էլ լսել, թե ինչպես են նրանցից մեկն ու մեկին կոչում, ― հարցրեց քահանան։
― Աստված վկա, չեմ լսել, ― պատասխանեց ծառան։ ― Նրանք այնքան լուռ են գնում, որ ուղղակի զարմանալի է։ Լսել է միայն, թե ինչպես հառաչում ու հեկեկում է խեղճ սինյորան, այնպես որ մարդու մեղքն է գալիս։ Թվում է, թե նրան, երևի, բռնի են տանում։ Եվ, եթե կարելի է դատել նրա հագուստից, նա կամ միանձնուհի է, կամ թե վանք է ուղևորվում։ Վերջինս ավելի հավանական է։ Եվ, երևի, իր կամքով չի ձեռնադրվում, դրանից է, երևի, որ այդքան տխուր է։
― Կարող է պատահել, ― ասաց քահանան և, թողնելով նրանց, վերադարձավ Դորոթեայի մոտ։
Իսկ Դորոթեան, լսելով դիմակավոր տիկնոջ հառաչանքը, բնական ցավակցության մղումով մոտեցավ անծանոթին և ասաց․
― Ձեր դարդն ի՞նչ է, սինյորա։ Խորհեցեք, չի՞ կարող դարմանել արդյոք մի ուրիշ կին, որ շատ բան է կրել և փորձառու է։ Ի բոլոր սրտե առաջարկում եմ ձեզ իմ ծառայությունը։
Վշտահար տիկինը չպատասխանեց այդ խոսքերին։ Եվ, թեև Դորոթեան առաջարկեց նրան իր օգնությունը ավելի թախանձագին, նա շարունակեց պահպանել լռություն, մինչև որ վերադարձավ դիմակավոր տղամարդը, նա, որին, ծառայի ասելով, բոլորը հնազանդում էին և ասաց Դորոթեային․
― Նեղություն մի կրեք, սինյորա, և այդ կնոջը ոչինչ մի առաջարկեք, որովհետև նրա բնավորությունն այնպես է, որ ինչ էլ նրա համար անելու լինեք, նա շնորհակալ չի լինի։ Միք ձգտի պատասխան ստանալու, եթե չեք կամենում սուտ լսած լինել։
― Ես երբեք չեմ ստել, ― ասաց տիկինը, որ մինչ այդ լուռ էր, ― ընդհակառակը՝ այն իսկ պատճառով, որ ես ճշմարտասեր կին եմ եղել և չեմ իմացել սուտ ու խորամանկ հնարքներ, հիմա այսպիսի ցավի մեջ եմ ընկել։ Ես պահանջում եմ, որ դուք ինքներդ վկայեք այդ, որովհետև իմ զուտ ճշմարտությունն է հարկադրում ձեզ ստել ու խաբել։
Կարդենիոն պարզ ու որոշ լսեց այդ խոսքերը, որովհետև գտնվում էր նրանց կողքի՝ դոն Կիխոտի սենյակում և մի դուռ էր միայն նրան բաժանում խոսող կնոջից։ Այդ խոսքերը լսեց թե չէ, նա բարձրաձայն աղաղակեց․
― Տեր ողորմյա՛։ Ի՜նչ եմ լսում։ Այդ ո՞ւմ ձայնը հասավ իմ ականջին։
Այդ խոսքերից զարմացած՝ անծանոթ կինը գլուխը շուռ տվեց և, խոսողին չտեսնելով, վեր կացավ ու կամեցավ դուռը բանալ, բայց տղամարդը, նկատելով այդ, բռնեց նրա ձեռքից և թույլ չտվեց քայլ անգամ անելու։ Շփոթմունքից և աճապարանքից նա վեր գցեց մետաքսե քողը, որ ծածկում էր նրա դեմքը, և բոլորը տեսան նրա աննման գեղեցկությունը, նրա չքնաղ դեմքը, որ թեև նիհար ու դժգույն էր։ Նրա աչքերը մի առարկայից մյուսն էին անցնում այնպիսի արագությամբ, որ, ասես թե, նա խելքը կորցրած լիներ։ Չըմբռնելով այդպիսի տարօրինակ վարքի պատճառը, Դորոթեան և բոլոր մնացած ներկա եղողները խորապես խղճացին նրան։ Տղամարդը ամուր բռնել էր նրա ուսերից և այնքան էր մտահոգված, որ նա դուրս չպրծնի, որ չկարողացավ պահել իր իսկ դեմքից վայր ընկնող դիմակը, որ վերջապես բոլորովին վայր ընկավ։ Դորոթեան, որ գրկել էր անծանոթ կնոջը, աչքը բարձրացրեց և տեսավ, որ տիկնոջ բռնողը իր սեփական ամուսինն էր, դոն Ֆերնանդոն և, հազիվ էր նրան տեսել, որ հոգու խորքից ձիգ ու ցավագին «ախ» հանելով, վայր ընկավ ուշագնաց։ Եթե նրա կողքին կանգնած դալլաքը նրան բռնած չլիներ, նա կփռվեր գետնին։ Իսկույն մոտ վազեց քահանան, բարձրացրեց նրա քողը և երեսին ջուր սրսկեց։ Երբ որ նրա երեսը բաց արին, դոն Ֆերնանդոն (նա էր, որ գրկում պահում էր անծանոթ կնոջը) ճանաչեց Դորոթեային և զարմանքից ապուշ կտրեց։ Սակայն նա շարունակում էր իր գրկում պահել Լյուսինդային, որը աշխատում էր դուրս պրծնել, որովհետև հառաչանքից ճանաչել էր Կարդենիոյին, ինչպես և Կարդենիոն նրան էր ճանաչել։ Վերջինս, լսած լինելով Դորոթեայի բացականչությունը ուշագնացության միջոցին և կարծելով, որ իր Լյուսինդան է բացականչողը, վախեցած դուրս վազեց սենյակից և առաջին մարդը, որին նա տեսավ, Լյուսինդային գրկած դոն Ֆերնանդոն եղավ։ Սա էլ ճանաչեց Կարդենիոյին և երեքով՝ Լյուսինդան, Կարդենիոն ու Դորոթեան, մնացին տեղն ու տեղը՝ լուռ ու մունջ, ասես թե չէին հասկանում, թե ինչ է կատարվում։
Բոլորը լուռ նայում էին իրար՝ Դորոթեան՝ դոն Ֆերնանդոյին, դոն Ֆերնանդոն՝ Կարդենիոյին, Կարդենիոն՝ Լյուսինդային, Լյուսինդան՝ Կարդենիոյին։ Վերջապես Լյուսինդան, առաջինը խզելով լռությունը, դարձավ դոն Ֆերնանդոյին հետևյալ խոսքերով․
― Թողեք ինձ, սինյոր դոն Ֆերնանդո, հարգելով ձեր իսկ արժանապատվությունը, քանի որ բոլոր ուրիշ նկատառումները ձեզ համար գոյություն չունեն։ Միք խանգարի, թո՛ղ բաղեղը փաթաթվի պատին։ Ոչ ձեր ոտնձգությունները, ոչ սպառնալիքները, ոչ խոստումները, ոչ էլ նվերները չկարողացան ինձ պոկել իմ հենարանից։ Տեսեք, թե ինչ արտասովոր և մեզ համար անտեսանելի ուղիներով երկինքը ինձ բերեց հասցրեց իմ իսկական ամուսնուն։ Հազար ու մի ձեզ վրա թանկ նստած փորձերից հետո դուք լավ գիտեք, որ լոկ մահն է կարող պոկել նրան իմ հիշողությունից։ Թող այս բացահայտ մերկացումը ձեր սերը կատաղության վերածելով և ցանկությունը՝ ատելության, քանի որ այլ զգացումներ անմատչելի են ձեզ, առիթ դառնան ձեզ համար սպանելու ինձ։ Բաժանվելով կյանքից իմ ամուսնու առջև ես կհամարեմ այդ բարի վախճան։ Գուցե թե իմ մահը համոզի նրան, որ ես հավատարիմ եմ եղել և մնացել մինչև վերջին շունչս։
Այդ միջոցում Դորոթեան ուշքի եկավ։ Լսելով Լյուսինդայի խոսքերը, նա կռահեց, թե ասողն ով է և, տեսնելով, որ դոն Ֆերնանդոն բաց չի թողնում Լյուսինդային և նրա խոսքերին ոչինչ չի պատասխաանում, Դորոթեան, բոլոր ուժերը հավաքելով, վեր կացավ և ընկավ նրա ոտների տակ, քնքշագին ու հուզիչ արցունքների վտակներ թափելով, այսպես խոսեց․
― Եթե, ով տեր իմ, այն արևը, որ մռայլած քո գրկի մեջ է, իր ճառագայթներով քեզ կուրացրած չլիներ տեսողությունից, դու վաղուց հետև նկատած կլինեիր քո ոտների տակ դժբախտ Դորոթեային, որի դարդը չի վերջանա, մինչև որ դու այդ չկամենաս։ Ես այն համեստ գեղջկուհին եմ, որին դու քո բարությամբ կամ սեփական բավականության համար արժանացրեցիր մեծ պատվի՝ քոնը կոչելով։ Ես այն երջանիկ, վայելչության սահմաններում պարփակված կինն եմ, որ քո հայցումների կանչից, քո, թվում էր, անկեղծ սիրո զգացմունքից, բաց արեց իր համեստության դռները և քեզ հանձնեց իր ազատության բանալին։ Իսկ դու այնպես շնորհակալ եղար այդ նվերի համար, որ ես հարկադրված եղա թափառելու այս վայրերում և հանդիպելու քեզ ահա՛ այս պարագաներում։ Այնուհանդերձ չկարծես, թե ես խնդրում եմ քեզնից, թե ես եկել եմ այստեղ իմ անպատվության մտքիս հետ։ Ոչ, ինձ այստեղ է բերել դառը մտածմունքը այն մասին, որ դու ինձ մոռացել ես։ Դու կամեցար, որ ես քոնը դառնամ և կամեցար այնքան ուժգին, որ հիմա, որքան էլ այլ բան կամենալու լինես, դու երբեք չես դադարի իմը լինելուց։ Խորհիր, տեր իմ, միթե իմ աննման նվիրվածությունը չի վարձատրի քեզ այն կնոջ գեղեցկության ու ազնվականության համար, որի պատճառով դու ինձ լքեցիր։ Դու չես կարող պատկանել չքնաղ Լյուսինդային, որովհետև դու իմն ես, նա էլ չի կարող քոնը լինել, որովհետև Կարդենիոյին է պատկանում, ինքդ դատիր՝ ավելի դյուրին չի՞ լինի աշխատես սիրել ինձ, որ երկրպագում է քեզ, քան հարկադրել սիրելու քեզ մի կնոջ, որ ատում է քեզ։ Ես պարզամիտ եմ եղել և դու փափագել ես ինձ, ես մաքուր էի և դու աղաչում էիր ինձ։ Քեզ հայտնի էր իմ ծագումը, դու գիտես, թե ես ինչպես հնազանդեցի քո կամքին և դու ոչ պատճառ ունես, ոչ հիմք գանգատվելու, թե քեզ խաբել են։ Եվ եթե այն ամենը, ինչ որ ես ասում եմ, ճշմարիտ է, և եթե դու ասպետ ես և քրիստոնյա, ինչո՞ւ ես ապա զանազան հնարքների դիմում և ի վերջո հապաղում ես նվիրելու ինձ այն երջանկությունը, որ դու սկզբից ևեթ նվիրել ես ինձ։ Իսկ եթե դու չես կամենում, որ ես լինեմ այն, ինչ որ կամ, այսինքն՝ քո իսկական և օրինավոր ամուսինը, ապա թույլ տուր գեթ քո ստրկուհին լինել՝ հնազանդելով քեզ ես ինձ գոհ ու երջանիկ կհամարեմ։ Մի՛ թույլ տուր, որպեսզի ես քեզնից լքված ու թողնված, պախարակելի ասեկոսների առարկա դառնամ։ Իմ ծնողները միշտ ազնվորեն ծառայել են քո ծնողներին, որպես բարի հպատակներ և արժանի չեն դառնացած ծերության, որ դու նախապատրաստում ես նրանց համար։ Եթե դու կարծում ես, թե կստորացնես քո արյունը, խառնելով իմի հետ, ապա մտաբերեիր, որ բոլոր կամ գրեթե բոլոր ազնվական տոհմերը նույն շավղով են ընթացել և որ մոր արյունից չեն որոշում ծագման ազնվությունը։ Ավելին կասեմ՝ իսկական ազնվությունը՝ առաքինությունն է և երբ դու դավաճանելու լինես առաքինությանդ, մերժելով իմ այնքան արդարացի խնդիրքը, ես ազնվության ավելի իրավունքով կմնամ, քան քո ունեցածն է։ Արդ, տեր, ահա՛ թե ինչ կասեմ քեզ խոսքս եզրափակելու համար՝ կամենաս դու թե չկամենաս, ես քո ամուսինն եմ։ Իմ վկան քո խոսքն է, որ չի լինի և չպիտի լինի սուտ, եթե միայն դու հպարտանում ես նրանով,[150] ինչի համար դու արհամարհում ես ինձ։ Վկա է քո ստորագրությունը, վկա է երկինքը, որ դու քո խոստումների ճշտության վկա ես կանչել։ Բայց, եթե այդ ամենը բավական չէ, ապա իմացած եղիր, որ այդ վկաներին կմիանա քո խղճի անխոս ձայնը, որ կխեղդի ուրախության աղմուկը և, հիշեցնելով արդարությունը, որ ես ասացի քեզ, կխռովի քո բոլոր ուրախություններն ու վայելքները։
Ուրիշ բաներ էլ ասաց վշտացած Դորոթեան այնպիսի զգացմունքով ու արցունքներով, որ անգամ դոն Ֆերնանդոյի ուղեկիցները և բոլոր ներկա եղողները նրա հետ լաց եղան։ Դոն Ֆերնանդոն լսում էր, առանց ընդհատելու, մինչև որ նա վերջացրեց։ Ապա Դորոթեան սկսեց այնպես հառաչել ու հեկեկալ, որ պետք էր բրոնզե սիրտ ունենալ, որպեսզի նրա վիշտը տեսնելով մարդ չզգացվեր։ Լյուսինդան նայում էր Դորոթեային և ցավակցությունը նրա վշտի համար նույնքան մեծ էր նրա մեջ, որքան և հիացումը նրա խելքից և գեղեցկությունից։ Նա ուզում էր մոտենալ Դորոթեային և նրան մի քանի մխիթարանքի խոսք ասել, բայց դոն Ֆերնանդոն նրան բաց չէր թողնում և շարունակում էր սեղմել իր գրկում։ Նա երկար աչքը հառել էր Դորոթեային և, վերջապես, շփոթված ու խռովահույզ կռներն արձակեց, ու, բաց թողնելով Լյուսինդային, ասաց․
― Դու հաղթեցիր, չքնաղ Դորոթեա, դու հաղթեցիր, որովհետև ոչ ոք սիրտ չէր անի ժխտել, որ քո բոլոր ասածները ճշմարտություն են։
Լյուսինդան գրեթե ուշագնաց էր եղել և երբ դոն Ֆերնանդոն նրան բաց թողեց, նա անշուշտ վայր էր ընկնելու, եթե Կարդենիոն մոտ չվազեր և չբռներ նրան։ Չկամենալով, որ դոն Ֆերնանդոն իրեն ճանաչի, նա նրա ետևից էր կանգնել, ոչ հեռու Լյուսինդայից, սակայն այդ պահին, մոռանալով ամեն երկյուղ և վճռելով ամեն բան ռիսկ անել, նա բռնեց նրան, գրկեց և ասաց․
― Եթե բարեգութ երկինքը թույլ է տալիս, որ մի քիչ հանգիստ առնես, ով իմ հավատարիմ և չքնաղ տիրուհի, ապա որտե՞ղ կհանգստանաս դու ավելի անվրդով, քան իմ գրկում, որի մեջ քեզ պահում էի այն պահին, երբ բախտը թույլ էր տալիս քեզ իմը կոչելու։
Լսելով այս խոսքերը, Լյուսինդան նայեց Կարդենիոյին, որին արդեն առաջուց ճանաչել էր ձայնից և, սեփական աչքերով համոզվելով, որ դա, իրոք, նա է, առանց քաղաքավարությունը հաշվի առնելու, ուրախությունից աշխարհով մեկ եղած, փաթաթվեց նրան, դեմքը սեղմեց նրա դեմքին ու բացականչեց․
― Ո՜վ տեր իմ, դուք իմ իսկական տերն եք, ես՝ ձեր գերին, որքան էլ թշնամի բախտը հակառակի դրան և որքան էլ մարդիկ սպառնան իմ կյանքին, իմ կյանքս դուք եք։
Դա մի անսպասելի տեսարան էր դոն Ֆերնանդոյի և մյուսների համար և բոլորը զարմացած էին մնացել այդպիսի չտեսնված մի դեպքից։ Դորոթեային թվաց, թե դոն Ֆերնանդոն գունատվեց և ձեռքը դրեց թրի երախին, ասես թե մտադիր լիներ հաշիվ մաքրելու Կարդենիոյի հետ։ Հազիվ էր նա նկատել այդ բանը, որ իսկույն, արտասովոր արագությամբ ընկավ նրա ոտները, գրկեց և այնքան ամուր սեղմեց, որ նա չէր կարող շարժվել և, առանց դադարելու արտասվելուց, սկսեց խոսել․
― Ով իմ միակ ապաստան, ի՞նչ ես ուզում արած լինել այս արտասովոր վայրկյանին։ Քո ոտների տակ պառկած է քո ամուսինը, իսկ նա, որին դու ձգտում ես տիրանալ, իր ամուսնու գրկում է։ Խորհիր, վայե՞լ է քեզ արդյոք և հնարավո՞ր էլ է խանգարել այն, ինչ ինքը երկինքն է դասավորել։ Ավելի լավ չի՞ լինի, եթե դու բարձրացնես և վեր հանես մինչև քո բարձրությունը այն կնոջը, որ, արհամարհելով բոլոր խոչընդոտները և ապացուցելով քեզ իր ճշմարտախոսությունն ու հավատարմությունը, նայում է քո աչքերին և թրջում սիրային արցունքներով երեսը և կուրծքը իր ճշմարիտ ամուսնու։ Աղաչում եմ քեզ հանուն Աստծու և քո պատվի, թող այս հրապարակային մերկացումը չսաստկացնի քո ցասումը, այլ ընդհակառակը՝ մեղմացնի։ Պաղարյուն և առանց զայրույթի թույլ տուր այս սիրահարներին անարգել վայելեն խաղաղությունը բոլոր օրերում, որ կառաքի նրանց գթառատ երկինքը։ Արտահայտիր դրանով քո վեհ ու ազնիվ սրտի մեծահոգությունը և թող աշխարհս տեսնի, որ քո հոգու վրա բանականությունն ավելի իշխանություն ունի, քան կիրքը։
Դորոթեայի այս ճառի միջոցին Կարդենիոն, սեղմելով իր կրծքին Լյուսինդային, աչքը չէր հեռացնում դոն Ֆերնանդոյից, որպեսզի նրա առաջին իսկ սպառնացող շարժումի պահին պատրաստ լինի ոչ միայն պաշտպանվելու, այլև հարձակվելու իր դեմ ելնող յուրաքանչյուրի վրա, անգամ եթե այդ պայքարը կյանքի գնով լինի։ Սակայն այդ վայրկյանին մոտ վազեցին դոն Ֆերնանդոյի բարեկամները, հետները քահանան ու դալլաքը, որոնք նույնպես ներկա էին այս տեսարանին և նրանք բոլորն էլ, ոչ բացառյալ ամենաբարի Սանչո Պանսայի, շրջապատեցին դոն Ֆերնանդոյին և սկսեցին աղաչել, որ նա գթա Դորոթեայի արցունքներին։ Եթե նրա ասածը ճիշտ է, իսկ նրանք հաստատ հավատացած էին, որ ճիշտ է, դոն Ֆերնանդոն չպիտի թույլ տա, որ նրա արդարացի հույսերը խաբվեն։ Նրանք խնդրեցին, որ նա հավատա, որ դեպքը չէ, ինչպես այդ կարող է թվալ, այլ երկնքի հատուկ կամքն է նրանց բոլորին ի մի բերել այնպիսի մի տեղում, որտեղ նրանք ամենից քիչ կարող էին ենթադրել հանդիպել իրար։
― Հավատացած եղեք, ― ավելացրեց քահանան, ― որ միմիայն մահն է կարող բաժանել Կարդենիոյին ու Լյուսինդային և եթե մեկ սուր նրանց խողխողելու լինի, նրանք կմեռնեն երջանիկ լինելով։ Անհաղթահարելի պարագաներում նա է մեծագույն իմաստություն ցուցաբերում, ով, հաղթահարելով և ճնշելով ինքն իրեն, իր սրտի վեհանձնությունն է հայտնաբերում։ Թող ձեր համաձայնությամբ լինի, որ այս սիրահարները վայելեն երջանկությունը, որ առաքված է նրանց վերուստ։ Ուղղեցեք ձեր հայացքը Դորոթեային և համոզվեցեք, որ դժվար է կամ միանգամայն անհնար է գտնել մի կին, որ ոչ թե գերազանցեր, այլ գեթ հավասարվեր գեղեցկությամբ նրան։ Ավելացրեք այդ գեղեցկությանը նրա հեզությունը և անսահման սերը դեպի ձեզ։ Եվ նախ և առաջ հիշեցեք, որ ձեզ ասպետ ու քրիստոնյա համարելով, դուք չեք կարող խոստումնազանց լինել, իսկ, ձեր խոսքի տերը լինելով, դուք կատարած կլինեք ձեր պարտքը Աստծու հանդեպ և կբավարարեք բոլոր խելահաս մարդկանց։ Որովհետև ամենքը գիտեն և ըմբռնում են, որ առաքինությամբ զարդարված գեղեցկությունը, ինչ համեստ ծագում էլ ունենալու լինի, կարող է բարձրանալ ամեն տեսակ ազնվականության և հավասարվել առանց ստորացնելու նրան, ով բարձրացնում և հավասարեցնում է իրեն։ Եվ նա, ով հետևում է իր ձգտման հրամայողական օրենքներին, եթե միայն այստեղ մեղք չկա, չի կարող դատապարտվել իր հնազանդության համար։
Այս փաստարկումներին մնացյալ ներկա եղողները ուրիշ փաստարկումներ ավելացրին, և վերջապես դոն Ֆերնանդոյի վեհանձն սիրտը (զուր չէր նրա մեջ ազնվականի արյուն հոսում) մեղմացավ և խոնարհվեց ճշմարտության առջև, որ նա չէր կարող ժխտել, անգամ եթե կամենար։ Եվ որպեսզի ցույց տված լինի, որ ինքը անձնատուր է լինում ու ենթարկվում արդարացի հորդորներին, դոն Ֆերնանդոն թեքվեց Դորոթեային և գրկելով նրան ասաց․
― Վեր կացեք, իմ տիրուհի, որովհետև վայել չէ, որ իմ առջև չոքած լինի նա, ով իշխում է իմ հոգու վրա։ Եվ եթե ես մինչև հիմա ոչ մի բանով չեմ ապացուցել այս խոսքերիս արդարացիությունը, ապա, թերևս, դա նրանից է, որ այդպես է եղել երկնքի կամքը։ Ձեզ ըստ արժանվույն հարգել սովորելու համար ես պետք է որ նախապես տեսնեի, թե որքան հավատարիմ դուք սիրում եք ինձ։ Մի բան եմ խնդրում ձեզնից՝ մի նախատեցեք ինձ իմ չար ու արհամարհական վերաբերմունքի համար ձեր նկատմամբ, քանի որ նույն ուժը, որ դրդեց ինձ ձեզ իմը կոչելու, հարկադրեց ինձ փորձելու դադարել ձերը լինելուց։ Դուք կհավատաք ինձ, եթե շուռ գաք և նայեք հիմա երջանիկ Լյուսինդայի աչքերին։ Նրանց մեջ դուք կգտնեք իմ բոլոր մոլորությունների արդարացումը։ Սակայն քանի որ նա հասավ իր կամեցածին, իսկ ես ձեզնով գտա իմ ցանկությունների կատարումը, ապա թող Աստված նրան խաղաղ ու բարեկեցիկ կյանք տա, որ նա երջանիկ ապրի իր Կարդենիոյի հետ, իսկ ես ծնկաչոք կխնդրեմ Աստծուց, որ ինձ ու իմ Դորոթեային երջանկություն բաշխի։
Այդ ասելով նա սկսեց գրկել ու համբուրել նրան այնպիսի քնքույշ զգացմունքով, որ նա հարկադրված էր մեծ ճիգ գործադրելու, որպեսզի, իբրև անտարակույս ապացույց իր սիրո և զղջումի, աչքերիցը արցունքներ չթափվեն։ Բայց Լյուսինդան, Կարդենիոն և բոլոր ներկա եղողները չկարողացան զսպել իրենց և այնքան արցունք թափեցին՝ ոմանք իրենց ուրախությունից, ոմանք՝ ուրախանալով ուրիշների համար, որ կարող էր թվալ, թե նրանց մեծ դարդ է վրա հասել։ Անգամ Սանչո Պանսան լաց էր լինում, թեև հետագայում պնդում էր, որ այն պատճառով էր անում այդ, որ դուրս եկավ, որ Դորոթեան իսկի էլ Միկոմիկոնի թագուհի չէ, որից նա այնքան շնորհներ էր ակնկալում։ Արցունքներն ու զարմանքը տևեցին պահ մի, ապա Կարդենիոն ու Լյոսինդան, չոքելով դոն Ֆերնանդոյի առջև, այնպիսի ընտիր ոճով շնորհակալություն հայտնեցին իրենց արված բարերարության համար, որ դոն Ֆերնանդոն չգիտեր, թե ինչ պատասխանի։ Նա նրանց վեր կացրեց, և գրկեց մեծ քնքշությամբ ու սիրով։
Ապա նա խնդրեց Դորոթեայից, որ պատմի, թե ինչպես է նա տնից այսքան հեռու տեղ ընկել։ Սա կարճառոտ ու վարպետորեն պատմեց, ինչ որ առաջ պատմել էր Կարդենիային։ Նրա պատմությունը շատ դուր եկավ դոն Ֆերնանդոյին և նրա ուղեկիցներին և նրանք ափսոսացին, որ այնքան կարճ էր՝ այնքան հաճելի պատմեց Դորոթեան իր աղետների մասին։ Իսկ երբ ավարտեց, դոն Ֆերնանդոն պատմեց, թե ինչ պատահեց քաղաքում, Լյուսինդայի ծոցում տոմս գտնելուց հետո, որի մեջ հայտնվում էր, որ պսակված է Կարդենիոյի հետ, ուստի և չի կարող նրա կինը դառնալ։ Նա կամեցավ սպանել նրան և, անշուշտ, կաներ էլ, եթե նրան ետ չկանգնեցնեին Լյուսինդայի ծնողները։ Վշտից ու զայրույթից նա գնաց քաղաքից, վրեժ հանելու մտադրությամբ, հենց որ դեպքը բերի։ Սակայն հետևյալ օրն իմացավ, որ Լյուսինդան անհայտացել է ծնողների տնից և ոչ ոք չգիտե, թե նա ուր է գնացել։ Վերջապես մի քանի ամիս հետո նրան լուր հասավ, որ Լյուսինդան վանք է քաշվել, որտեղ մտադիր է ապրելու մինչև մահը, եթե նրան թույլ չտրվի միանալու Կարդենիոյի հետ։ Հենց որ դոն Ֆերնանդոն իմացավ այդ բանը, նա օգնական վերցրեց երեք կաբալյերո և նրանց հետ ուղևորվեց վանք։ Լյուսինդայի հետ նա չտեսնվեց, որովհետև վախենում էր, որ, իմանալով իր գալստյան մասին, վանքում կխստացնեն հսկողությունը։ Եվ ահա, սպասելով, որ գա օրը, երբ դարպասը բաց լինի, նա իր ուղեկիցներից երկուսին թողեց որպես պահակ մուտքի մոտ, իսկ ինքը երրորդի ուղեկցությամբ գնաց գտնի Լյուսինդային։ Լյուսինդան վանքի բակում կանգնած է լինում, խոսակցելով մի կույսի հետ։ Նրանք բռնեցին նրան և ժամանակ չտալով, որ ուշքի գա, այնպիսի մի տեղ տարան, որտեղ կարելի էր պատրաստություն տեսնել ճամփի համար բոլոր կարևոր իրերի։ Այդ ամենը հաջողեց անել առանց որևէ արգելքի, որովհետև վանքը գտնվում էր դաշտում, հեռու քաղաքից։ Երբ որ Լյուսինդան համոզվեց, որ դոն Ֆերնանդոյի ձեռքն է ընկել, իսկույն ուշաթափվեց և, ուշքի գալով մնաց լուռ և միայն հառաչում ու լալիս էր։ Այդպես լուռ ու արտասվաթոր նրանք բերին հասցրին այս պանդոկը և թվում է հիմա, որ ինքը երկինքն է ընկել, որտեղ հաղթահարվում ու ավարտվում են բոլոր երկրային աղետները։
Գլուխ XXXVII
Որ պարունակում է Միկոմիկոնի թագաժառանգուհու պատմության շարունակությունը այլ զվարճալի արկածների հետ
Սանչոն ականջ էր դնում այս խոսակցություններին և հոգով վշտանում տեսնելով, որ չքանում ու ցնդում են տիտղոս ստանալու հույսերը։ Միկոմիկոնի չքնաղ իշխանուհին Դորոթեա դառավ, հսկան՝ դոն Ֆերնանդո, մինչդեռ իր տերը քնել է խոր քնով և չի էլ գուշակում, թե ինչ է պատահել։ Դորոթեան չէր կարողանում հավատալ, որ այս երջանկությունը երազում չի տեսնում։ Նույնն էր կարծում նաև Կարդենիոն, ասենք՝ Լյուսինդան էլ այլ կերպ չէր պատկերում։ Դոն Ֆերնանդոն շնորհակալ էր երկնքից առաքված շնորհի համար և նրա համար, որ ինքը դուրս եկավ վերջապես խճճված լաբիրինթոսից, որտեղ ռիսկ էր անում կորցնել և՛ իր հոգին, և՛ իր բարի անունը։ Մի խոսքով՝ պանդոկում բոլոր գտնվողները ուրախանում ու զվարճանում էին, որ այս բարդ ու անհույս հանգամանքներն այսքան բախտավոր ելք ունեցան։ Քահանան, որպես խելահաս մարդ, աշխատում էր ամեն ինչ հաշտեցնել և յուրաքանչյուրին շնորհավորում էր ձեռք բերած հաջողության համար։ Սակայն ամենից շատ ուրախանում ու ցնծում էր պանդոկապանուհին, որովհետև Կարդենիոն ու քահանան խոստացել էին վճարել դոն Կիխոտի հասցրած բոլոր վնասները, տոկոսներն էլ վրան։ Սակայն Սանչոն, ինչպես արդեն վերև ասված էր, վշտացել, ցավում ու դարդ էր անում։ Մռայլ դեմքով նա ներս մտավ իր տիրոջ սենյակը, որը այդ պահին զարթնել էր, և ասաց․
― Դե, հիմա, ձերդ ողորմածություն, Տխուր Պատկերի սինյոր, դուք կարող եք քնել, որքան կամենաք և կարող եք հոգս չքաշել հսկա սպանելու և իշխանուհուն թագավորություն վերադարձնելու մասին՝ այդ գործը գլուխ է եկել֊պրծել։
― Ես էլ եմ այդ կարծիքին, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― քանի որ հսկայի հետ այնպիսի դաժան ճակատամարտ ունեցա, որպիսին ես, երևի, այլևս ոչ ոքի հետ չեմ ունենա։ Ես նրան մի հարված հասցրի ո՜ր գլուխը թռավ ու արյունը հոսեց, ինչպես գետի ջուր։
― Ավելի լավ է ասեք՝ ինչպես կարմիր գինի, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ամոթ չլինի ասել, եթե ձերդ ողորմածությանն այդ հայտնի չէ, սպանված հսկան մի ծակված տիկ է եղել, իսկ արյունը՝ միջի վեց արրոբա կարմիր գինին, իսկ թռած գլուխը․․․ ձեր երևակայության արդյունքն է, սատանան տանի այդ ամենը։
― Ինչե՜ր ես ասում դու, խելառ, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Խելքդ տե՞ղն է։
― Ավելի լավ է վեր կենաք, ձերդ ողորմածություն, և տեսնեք, թե ինչեր եք արել և ինչքան ենք ստիպված լինելու վճարելու։ Այն ժամանակ դուք կտեսնեք, որ թագուհին մի սովորական տիկին է դառել, անունը՝ Դորոթեա և շատ բան է պատահել, որ, անշուշտ, ձեզ զարմանք կպատճառի։
― Ինձ ոչինչ զարմացնելու ընդունակ չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որովհետև արդեն անցյալ անգամ, որ մենք այստեղ իջևանեցինք, ես ասացի քեզ, անշուշտ, դու հիշելիս կլինես, որ այս տանը ամեն ինչ ենթարկված է հմայքի։ Զարմանալի չէ, որ հիմա էլ նույնը տեղի ունենա։
― Ես այդ ամենին կհավատայի, ― առարկեց Սանչոն, ― եթե վերմակն էլ, որի վրա ինձ վեր֊վեր էին թռցնում, նույնպես հմայված լիներ։ Սակայն ոչ, այն իսկական և իրական վերմակ էր։ Եվ ես հիշում եմ, որ նույն պանդոկպանը, որ հիմա էլ այստեղ է, բռնել էր նրա ծայրից և բոլոր ուժով ինձ վեր֊վեր էր թռցնում, այն էլ ծաղր ու ծանակ անելով ինձ։ Թեև ես ուսումնական մարդ չեմ, այնուհանդերձ կարծում եմ, թե քանի որ նրանց բոլորի երեսը ճանաչեցի, ուրեմն՝ այստեղ ոչ մի կախարդանք չկա և չի եղել, այլ պարզապես սաստիկ ծեծ է եղել և մեծ անախորժություն։
― Էհ, Աստված տա, ամեն ինչ կարգի կգա, ― ասաց դոն Կիխոտը, ― իսկ հիմա շորերս տուր հագնեմ։ Ես ուզում եմ գնամ֊տեսնեմ այդ բոլոր անցք ու դեպքերը և կերպարանափոխումները, որոնց մասին դու պատմում ես։
Սանչոն մատուցեց նրան զգեստը և, մինչև դոն Կիխոտը հագնում էր, քահանան պատմեց դոն Ֆերնանդոյին և մնացյալ ներկա եղողներին ասպետի խելագարության մասին և այն խորամանկության մասին, որին իրենք դիմել են, որպեսզի նրան դուրս կորզեն Պենյա Պոբրեյից, ուր նա քաշվել էր իր տիկնոջ երևակայական խստասրտությունից։ Նա նմանապես պատմեց գրեթե նրա բոլոր արկածները, որոնց մասին հաղորդել էր Սանչոն և բոլորը շատ զարմացան ու ծիծաղեցին, որովհետև գտան, որ (ինչպես և ամեն ոք նրանց փոխարեն կգտներ) դա խելագարության ամենատարօրինակ տեսակն է, որ երբևիցե վրա է հասել խանգարված խելքին։ Ապա քահանան հայտարարեց՝ քանի որ գործի երջանիկ ելքը թույլ չի տալիս սինյորա Դորոթեային շարունակել խաղալ իր դերը, ապա անհրաժեշտ է հնարել և հեյրուրել մի այլ միջոց դոն Կիխոտին տուն հասցնելու համար։ Կարդենիոն առաջարկեց շարունակել խաղը, ասելով, որ Լյուսինդան շատ լավ կփոխարինի Դորոթեային և կխաղա նրա դերը մինչև վերջ։
― Ոչ, ― ասաց դոն Ֆերնանդոն, ― կարիք չկա։ Ես կկամենայի, որ Դորոթեան շարունակեր թագուհի ներկայանալու և եթե այդ դժբախտ կաբալյերոյի ծննդավայրը այստեղից շատ հեռու չէ, ես ուրախ կլինեմ նպաստելու նրա բուժման։
― Երկու օրվա ճամփա է մնացել, ոչ ավել, ― ասաց քահանան։
― Եթե անգամ ավել լիներ, ― պատասխանեց դոն Ֆերնանդոն, ― ես հաճույքով կերթամ նման բարի գործի համար։
Այդ րոպեին երևան եկավ դոն Կիխոտը իր ամբողջ արդ ու զարդով, Մամբրինի ծռված սաղավարտը գլխին և վահանը ձեռքին, հենվելով իր փայտի կամ նիզակի վրա։ Դոն Ֆերնանդոն և բոլոր մնացյալները զարմացած մնացին նրա տարօրինակ տեսքից՝ չոր ու դեղնած դեմքից՝ կես արշին երկարությամբ, նրա դեսից֊դենից հավաքած զենքերից և արժանապատվությամբ լի կեցվածքից։ Բոլորը լռեցին և սպասում էին, թե ինչ կասի նա, իսկ նա, հանդիսավոր ու հանգիստ, դարձնելով իր հայացքը չքնաղ Դորոթեային, ասաց․
― Իմ զինակիրը, չքնաղ տիրուհի, զեկուցեց ինձ, որ ձերդ մեծությունը կործանվել է և ձեր անձնավուրությունն անհայտացել է, որովհետև թագուհուց ու ազնվազարմ տիրուհուց, որ դուք եղել եք առաջ, հիմա դուք հասարակ աղջիկ եք դառել։ Եթե դա տեղի է ունեցել ձեր հոր, գրբաց֊թագավորի կամքով, որ երկյուղ է կրում, թե ես ձեզ բավականաչափ և անհրաժեշտ օգնություն չեմ հասցնի, ապա իմացած եղեք, որ նա իր գիտության կեսին էլ չի հասել և ասպետական պատմություններից գլուխ չի հանում։ Եթե կարդացած ու ուսումնասիրած լիներ այնքան ուշադիր ու երկար, ինչպես ուսումնասիրել և կարդացել եմ ես, նա նրանց մեջ ամեն քայլափոխում կգտներ օրինակներ այն բանի, որ ուրիշ ասպետներ, ինձնից պակաս հռչակավոր, առավել դժվարին սխրագործություններ են կատարել։ Մեծ բան հո չի ինչ֊որ չնչին հսկա սպանելը, որքան էլ հանդուգն լինի նա։ Ընդամենը մի քանի ժամ առաջ ես հանդիպեցի նրան և․․․ սակայն ես գերադասում եմ լռել, որպեսզի չասեն, թե ես սուտ եմ ասում։ Սակայն ժամանակը, որի հանդեպ մեր գործերից և ոչ մեկը գաղտնի չի մնա, կբանա մեզ ամենը, երբ դուք ամենից քիչ այդ սպասելու լինեք։
― Դուք երկու տիկ եք հանդիպել և ոչ թե հսկայի, ― միջամտեց պանդոկպանը։
Սակայն դոն Ֆերնանդոն հրամայեց, որ նա լռի և ոչ մի դեպքում չընդահատի դոն Կիխոտի ճառը։ Վերջինս շարունակեց․
― Վերջ ի վերջո ի՞նչ ասեմ ես, ով ազնվազարմ և պսակազերծ տիրուհի։ Եթե ձեր հայրն է կատարել այդ այլակերպությունը հիշատակածս պատճառով, ապա չհավատաք։ Որովհետև աշխարհիս երեսին այնպիսի վտանգ չկա, որի միջով իմ սուրը ճամփա բաց արած չլինի։ Եվ ձեր թշնամու գլուխը գետնահար անելուց հետո ես շուտով ձեր գլխին կդնեմ ձեր երկրի թագը։
Դոն Կիխոտը լռեց, սպասելով իշխանուհու պատասխանին։ Իսկ վերջինս, իմացած լինելով, որ դոն Ֆերնանդոն վճռել է խաբեությունը շարունակել, որպեսզի դոն Կիխոտին տուն հասցրած լինի, պատասխանեց շատ լուրջ ու ծանրակշիռ․
― Ով էլ ձեզ ասած լինի, Տխուր Պատկերի Ասպետ, թե ես փոխել ու կորցրել եմ նախկին կոչումը, սուտ է ասել, որովհետև ես այսօր էլ նույնն եմ, ինչ որ երեկ եմ եղել։ Ճիշտ է, որոշ նպաստավոր դեպքեր մի քիչ փոփոխել են իմ դրությունը և բարվոքել ավելի, քան թե ես կարող էի հուսալ, այնուհանդերձ այդ պատճառով ես չեմ դադարել ա՛յն լինելուց, ինչ որ եղել եմ առաջ և չեմ թողել ինձնից անբաժան ա՛յն միտքը, որ պիտի օգտվեմ ձեր հզոր ու անհաղթ բազկի զորությունից։ Արդ, տեր իմ, հաճեցեք վերադարձնել պատիվը այն մարդուն, որ ինձ կյանք է տվել և հավատացեք, որ նա իմաստուն ու խելամիտ մարդ է, քանի որ իր գիտության շնորհիվ նա իմ աղետներին վերջ տալու այսքան հեշտ ու ճիշտ ուղի է գտել։ Ես հավատացած եմ, որ առանց ձեզ, տեր իմ, ես երբեք չէի հասնի այն երջանկության, որին տիրացել եմ հիմա։ Իմ խոսքերի ճշմարտությունը կարող է հաստատել այստեղ կանգնած բարի սինյորների մեծ մասը։ Մեզ մնում է, որ վաղը ճամփա ընկնենք, որովհետև այսօր մենք արդեն չենք կարողանա մեծ ճամփա կտրել։ Գալով գործի երջանիկ ավարտմանը, որ ես հուսով եմ, ես ապավինում եմ Աստծուն և ձեր արի սրտին։
Այդպես ասաց խելացի Դորոթեան։ Նրան լսելուց հետո դոն Կիխոտը մեծ դժկամությամբ դարձավ Սանչոյին և ասաց․
― Իմացած լինես, Սանչո բարեկամ, որ քեզ նման անպիտանը բովանդակ Իսպանիայում չի գտնվի։ Ասա, գող֊ավազակ, դու չէի՞ր նոր ինձ ասում, թե իշխանուհին կերպարանափոխվել, Դորոթեա անունով աղջիկ է դառել, թե իմ կտրած հսկայի գլուխը՝ երևակայություն է և այլ սարսաղ բաներ, որոնցից ես այնքան շփոթվեցի, որ իմ օրում երբեք չէր եղել։ Երդվում եմ․․․ (նա աչքերը վեր բարձրացրեց և սեղմեց ատամները), որ ես քեզ իսկույն կտոր֊կտոր կանեմ՝ բոլոր ստախոս զինակիրներին սաստելու համար, որ թափառական ասպետները ունենալու լինեն։
― Հանգստացեք, ձերդ ողորմածություն, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― շատ կարող է պատահել, որ ես տիրուհի Միկամիկոնայի կերպարանափոխության վերաբերյալ մի բան շփոթած լինեմ։ Գալով հսկայի գլխին, ավելի ճիշտ՝ ծակծկված տկերին և այն բանին, որ արյունը կարմիր գինի է եղել, ապա երդվում եմ Աստծով, որ ես չեմ սխալվում, որովհետև ծակծկված տկերը մինչև հիմա էլ ձերդ ողորմածության անկողնի գլխատեղի մոտ են, իսկ կարմիր գինին լճացել է։ Իսկ եթե չեք հավատում, համբերեցեք մինչև ձեր ճաշը եփեն, դուք կտեսնեք, թե սինյոր պանդոկպանը ինչ հաշիվ կներկայացնի իր վնասների համար։ Իսկ մնացած բաներում, եթե տիրուհի իշխանուհին նույնն է մնացել, ինչ որ եղել էր, ապա ես սրտանց ուրախ եմ, կնշանակի՝ ինձ էլ, ինչպես աշխարհի ամեն մի զավակի, իմ բաժինը կհասնի։
― Ահա թե ինչ կասեմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ներիր ինձ, բայց դու ախմախ ես և բավական է։
― Բավական է, ― կրկնեց դոն Ֆերնանդոն, ― այլևս դրանից չխոսենք։ Քանի որ տիրուհի իշխանուհին վճռեց, որ մենք վաղը ճամփա ընկնենք, քանի որ այսօր արդեն ուշ է, ապա թող այդպես լինի։ Ողջ գիշերը, մինչև լուսաբաց, մենք հաճելի զրույցով անց կկացնենք, իսկ վաղը մենք բոլորս կուղեկցենք դոն Կիխոտին, որովհետև մենք փափագում ենք նրա արի և անլուր սխրագործությունների վկաները լինել, որ նա մտադիր է կատարելու, ձեռնամուխ լինելով այդ մեծ ձեռնարկին։
― Ե՛ս պիտի ծառայեմ ձեզ և ուղեկցեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ես իսկապես երախտապարտ եմ ձեզ ինձ ցույց տված ողորմածության և իմ մասին ձեր բարձր կարծիքի համար, որ ես կաշխատեմ արդարացնել, անգամ կյանքի գնով և ավելի բարձր գնով, եթե դա հնարավոր է։
Դոն Կիխոտն ու դոն Ֆերնանդոն իրար էլի շատ սիրալիր խոսքեր ասացին և ծառայության առաջարկներ արին։ Այդ ամենին վերջ տվեց պանդոկում մի ճամփորդի երևան գալը, որի հագուստից երևում էր, որ մավրերի երկրից նոր եկած քրիստոնյա է։ Նրա հագին կապույտ մահուդից կապա կար, առանց օձիքի, թևերը՝ մինչև արմունկները և փեշերը՝ կարճ։ Նրա վարտիքը և գլխարկը նույն գույնի քաթանից էին։ Ոտներին դեղնագույն կոշիկներ կային, ուսից փոկ էր գցած, որից կախված էր մավրիտանական կեռ դաշույն։ Նրա ետևից, էշի վրա մի կին էր գալիս, որ մավրուհու զգեստ ուներ։ Նրա դեմքը ծածկված էր չադրայով, քողով փաթաթած գլխին դիպակե գլխարկ էր դրած, նրա երկար ալմալաֆան[151] հանսում էր մինչև ոտները։ Տղամարդը հաղթանդամ էր և ուներ հաճելի տեսք։ Նա մոտ քառասուն տարեկան էր, թուխ դեմքով, երկար բեղերով և նրբին մորուսով։ Մի խոսքով՝ պարզ էր, որ եթե նա լավ հագնված լիներ, ամենքը նրան ազնիվ ու ազնվական սինյորի տեղ կդնեին։ Ներս մտնելով, նա պահանջեց, որ իրեն սենյակ հատկացնեն և երբ որ ասացին, թե ազատ սենյակ չկա, նա, թվաց որ, սաստիկ վշտացավ։ Ապա, մոտենալով իր ուղեկցուհուն, որ արտաքուստ մավրուհի էր, բռնեց նրան և վայր բերեց էշից։ Լյուսինդան, Դորոթեան, պանդոկապանուհին, նրա աղջիկն ու Մարիտորնեսը, հետաքրքրվելով առանձնահատուկ և դեռևս չտեսնված զուգսերով, շրջապատեցին անծանոթ կնոջը։ Իսկ Դորոթեան, ինչպես միշտ սիրալիր, բարեհամբույր և վարվեցողություն գիտցող, տեսնելով, որ տիկինն ու իր ուղեկիցը վշտացել են օթևանելու տեղ չգտնելու պատճառով, ասաց․
― Հարմարությունների պակասությունների վրա ուշադրություն մի՛ դարձրեք, սինյորա, իջևաններում, սովորաբար, հարմարությունները սակավ են լինում։ Սակայն եթե դուք հաճելու լինեք մեզ հետ տեղավորվելու, ― ավելացրեց նա, ցույց տալով Լյուսինդային, ― ապա հավատացած եղեք, որ ձեր ողջ ճամփորդության ընթացքում հազիվ թե ավելի սիրալիր ընդունելություն գտնեք։
Չադրա գցած կինը դրան ոչինչ չպատասխանեց, միայն վեր կացավ և, ձեռները ծալած կրծքին, գլուխը խոնարհեց և խոր գլուխ տվեց, կամենալով ցույց տալ, որ շնորհակալ է առաջարկի համար։ Այդ լռությունից նրանք հետևցրին, որ նա անտարակույս մավրուհի է և քրիստոնեաբար խոսել չգիտե։ Այդ վայրկյանին մոտ եկավ գերին, որ մինչ այդ այլ բանով էր զբաղված ու տեսնելով, որ ամենքը շրջապատել են իր ուղեկցուհուն, իսկ սա, բոլոր խոսքերին լռությամբ է պատասխանում, ասաց․
― Չքնաղ տիկիններ, այս աղջիկը դժվարությամբ է հասկանում մեր լեզուն և միայն իր հայրենիքի լեզվով է խոսում։ Ահա թե ինչու նա չի պատասխանում և չի պատասխանել այն հարցերին, որ երևի դուք տվել եք։
― Մենք նրանից բան չենք հարցրել, ― ասաց Լյուսինդան, ― այլ պարզապես առաջարկել ենք, որ գիշերը մեր հասարակության մեջ անցկացնի սենյակում, որտեղ մենք ենք տեղավորվել։ Մենք նրան ամեն հարմարություն կընծայենք, որ ինքներս ունենք, որովհետև բարի ցանկությունը մղում է մեզ ծառայություն մատուցել օտարականներին, որ ունեն կարիք, մանավանդ կանանց։
― Իմ և նրա կողմից, տիրուհիդ իմ, համբուրում եմ ձեր ձեռքը, մեծապես գնահատելով, ինչպես այդ արժանի է, ձեր ցույց տված շնորհը։ Ձեր նման անձից, ինչպիսին դուք եք ներկայանում ինձ, և այսպիսի ծայրահեղ պարագաներում բխած շնորհը առանձնապես մեծ է։
― Ասացեք ինձ, սինյոր, ― հարցրեց Դորոթեան, ― այս տիրուհին քրիստոնյա՞ է, թե՞ մահմեդական։ Նրա լռությունն ու զուգսերը հարկադրում են մեզ կարծել նրա մասին այնպես, որ մեր սրտովը չէ։
― Իր զգեստն ու մարմինը մահմեդական են, իսկ հոգին՝ բոցավառ քրիստոնյա, որովհետև նա վառ ցանկությամբ է համակված այդպիսին դառնալու։
― Ուրեմն նա դեռևս մկրտված չէ՞, ― հացրեց Լյուսինդան։
― Մենք ժամանակ չենք ունեցել դրա համար, ― պատասխանեց գերին։ ― Այն պահից, ինչ նա լքեց իր հայրենի հողը՝ Ալժիրը, նա երբեք այնպիսի մահացու վտանգի ենթարկված չի եղել, որ մեզ հարկադրեր մեր մկրտությունը կատարելու նախքան նա բավականաչափ ծանոթանա բոլոր ծեսերին, որ ուսուցանում է մեզ մեր սուրբ մայր եկեղեցին։ Սակայն տերը կօգնի նրան շուտով մկրտություն ընդունելու շքեղությամբ, որ վայելում է նրա դիրքին։ Նա ավելի ազնվական է, քան կարելի է հետևցնել նրա և իմ հագուստից։
Այս խոսքերը բոլոր ներկա եղողներին սաստիկ ցանկություն ներշնչեցին իմանալու, թե գերին ու մավրուհին ովքեր են։ Սակայն այդ վայրկյանին ոչ ոք սիրտ չարեց հարց ու փորձ անելու, քանի որ բոլորն էլ տեսնում էին, որ նա ավելի կարոտ է հանգստյան, քան իր կյանքից պատմություններ անելու։ Դորոթեան բռնեց անծանոթ աղջկա ձեռքից, նստեցրեց իր կողքին և խնդրեց, որ երեսի քողը հանի։ Աղջիկը նայեց գերու վրա, ասես թե հարցնելիս լիներ ― ի՞նչ են ասում և ինքն ի՞նչ պիտի անի։ Գերին ասաց նրան արաբերեն, որ նրանք խնդրում են քողը հանել և նա պիտի այդ կատարի։ Աղջիկը վեր քաշեց քողը և ամենքը տեսան այնպիսի չքնաղ մի դեմք, որ Դորոթեային թվաց, թե Լյուսինդայից ավելի գեղեցիկ է, իսկ Լյուսինդային՝ ավելի գեղեցիկ քան Դորոթեան, իսկ բոլոր շրջապատողները հայտարարեցին, որ եթե մեկն ու մեկը կարող է հավասարվել այդ երկու գեղեցկուհիներին, ապա դա միմիայն մավրուհին է։ Ոմանք նույնիսկ գտան, որ որոշ կողմերով մավրուհին գերազանցում է։ Եվ որովհետև գեղեցկությունը ուժ ու ունակություն ունի սրտերի մեջ խաղաղություն մտցնելու և ազդելու կամքի վրա, ապա ամենքն իսկույն վառվեցին չքնաղ մավրուհուն ծառայելու և հաճոյանալու եռանդով։ Դոն Ֆերնանդոն հարցրեց գերուց աղջկա անունը։ Սա պատասխանեց՝ Լելա Զորադիա։ Մավրուհին, լսելով այդ անունը և հասկանալով, թե նրանք ինչ են հարցրել քրիստոնեական լեզվով, շտապ֊շտապ, անհանգիստ ու կայտառ բացականչեց․
― Ոչ, Զորադիա չէ, այլ Մարիամ, Մարիամ, ― կամենալով դրանով ասած լինել, որ իր անունը ոչ թե Զորադիա է, այլ Մարիամ։
Այդ խոսքերը այնքան կրքոտ արտասանված, շատերի սիրտը շարժեցին մինչև արցունք։ Առանձնապես զգացված էին կանայք, որոնք բնականից ավելի քնքուշ ու դյուրազգաց են։ Լյուսինդան սիրառատ գրկեց նրան և ասաց․
― Այո՛, այո՛, Մարիամ, Մարիամ։
Մավրուհին դրան պատասխանեց․
― Այո՛, այո՛, Մարիամ։ Զորաիդա Մականջե, ― ասել է թե «չի՛»։
Այնինչ վրա հասավ գիշերը և պանդոկապանը, դոն Ֆերնանդոյի ուղեկիցների հրամանով, հոգ տարավ և աշխատեց որքան կարելի է լավ ընթրիք պատրաստել։ Եվ երբ որ ժամանակը եկավ, բոլորը նստեցին երկար, վանական սեղանատան ճաշի սեղանի նման մի սեղանի շուրջը, որովհետև պանդոկում ոչ կլոր, ոչ էլ քառակուսի սեղան կար։ Սեղանի ճակատին նստեցրին դոն Կիխոտին, չնայած որ նա հրաժարվում էր։ Դոն Կիխոտը ցանկություն հայտնեց, որ Միկոմիկոնի տիրուհին նստի իր կողքին որպես իրեն հովանավորողի հետ։ Ապա տեղավորվեցին Լյուսինդան ու Զորաիդան, նրանց դեմուդեմ դոն Ֆերնանդոն ու Կարդենիոն, ապա՝ գերին և մնացյալ սինյորները, իսկ տիկինների կողքին՝ քահանան ու դալլաքը։ Այդպես նրանք ընթրում էին մեծ հաճույքով, որ ավելի շատացավ, երբ որ հասարակությունը տեսավ, թե դոն Կիխոտը դադարեց ուտելուց և, ներշնչված նույնքան առատ ոգևորությամբ, ինչպես այծարածների հետ ընթրելու միջոցին, սկսեց խոսել․
― Սինյորներ, ճշմարիտն ասած, եթե լավ ուշ դարձնելու լինեք, նրանք, ովքեր թափառական ասպետության ուխտին են նվիրվել, մեծամեծ և անլուր բաներ են տեսնում։ Երևակայեցեք, թե աշխարհիս երեսին ապրողներից մեկն ու մեկը ներս մտնի այս դղյակի դարպասով և տեսնի, թե ինչպես մենք հիմա նստած ենք, մի՞թե նա գլխի կընկնի և հավատ կընծայի, որ մենք այն մարդիկն ենք, ինչ որ իրոք կանք։ Ո՞վ կասի, որ այս տիրուհին, որ նստած է իմ կողքին, մեզ բոլորիս հայտնի մեծ թագուհին է, և որ ես այն Տխուր Պատկերի Ասպետն եմ, որի անունը գովաբանում է Փառքը։ Այո՛, հիմա այլևս անկարելի է կասկածել, որ ասպետի արվեստն ու արհեստը գերազանցում են բոլոր արվեստներն ու արհեստները, որ հնարել է մարդս և արժանի է առանձնակի ուշադրության, որովհետև կապված է մեծագույն վտանգների հետ։ Թող կորչեն իմ աչքերից այն մարդիկ, որ պնդում են, թե գիտությունները ռազմական գործից բարձր են, որովհետև ես նրանց կպատասխանեմ, ովքեր էլ նրանք լինեն, որ նրանք չգիտեն, թե ինչ են ասում։ Որովհետև փաստարկումը, որ նրանք սովորաբար բերում են և որի վրա նրանք առանձնապես պնդում են, այն է, թե հոգևոր աշխատանքը մարմնավորից վեհ է, իսկ ռազմական գործում լոկ մարմինն է մասնակցում, ասես թե մշակի արհեստի պես, ռազմական գործը, ուժից բացի, այլ բան չի պահանջում։ Ասել թե այն բանի մեջ, որ մենք, ռազմիկներս ռազմական արվեստ ենք կոչում, չեն մտնում նույնպես արի գործերը, որոնց կատարման համար մեծ ընդունակություններ են պահանջվում։ Եվ ասես թե ռազմիկի խելքը, որի պատասխանատվության վրա է բանակը կամ պաշարված քաղաքը, ավելի քիչ է աշխատում, քան մարմինը։ Եթե այդպես չէ, ապա ասացեք ինձ, կօգնե՞ն ձեզ արյդոք մարմնի ուժերը թշնամու մտադրությունները, նրա ծրագիրները, ռազմական խորամանկությունները և դավերն ըմբռնելու ու նախագուշակելու և ձեզ սպառնացող վտանգի առաջն առնելու համար։ Ախր, այդ ամենը խելքի բան է, և մարմինն այդ գործում բնավ մաս չունի։ Սակայն քանի որ ապացուցված է, որ ռազմական գործը կարոտ է ոգու նույնքան, որքան և գիտությունները,[152] ապա տեսնենք, թե ո՞րի խելքն է ավելի օգտակար գործ կատարում՝ գրագետի՞նը, թե՞ ռազմիկինը։ Մենք կարող ենք դատել այդ մասին նրանից, թե արդյոք նրանցից յուրաքանչյուրը ինչ նպատակի է ձգտում, որովհետև այն նպատակը պիտի ավելի կարևոր համարվի, որ ուղղված է ավելի ազնիվ նպատակի։ Գիտության խնդիրն ու նպատակը (ես, իհարկե, աստվածաբանական գիտության մասին չեմ խոսում, որի նպատակն է բարձրացնել մեր հոգիները առ երկինք, որովհետև այդ անսահման վերջնական նպատակին ոչ մի բան չի հավասարվի։ Ոչ, խոսքս աշխարհիկ գիտությունների մասին է), արդ, նրանց նպատակն է հաստատել արդարություն բարիքների բաշխման մեջ, յուրաքանչյուր ոքի տալ այն, ինչ նրան պատկանում է և աշխատել ու հոգ տանել, որ կատարվեն բարի օրենքները։ Նպատակը, անտարակույս, ազնիվ է, վեհ և արժանի մեծամեծ գովասանքի։ Այնուհանդերձ, այն նպատակը, որին ձգտում է ռազմական գործը, արժանի է ավելի մեծ գովասանքի, որովհետև այդ նպատակը խաղաղությունն է, գերագույն բարիքը, որ հասավ աշխարհին ու մարդկանց, հրեշտակների ավետիքն էր այն գիշերը, որ մեզ բոլորիս համար ցերեկ դարձավ։ Նրանք երգում էին երկրի վրա․ «Փառք ի բարձրունս Աստծու և խաղաղություն երկրին և բայրացակամություն մարդկանց»։ Եվ ողջույնը, որ երկրի և երկնքի լավագույն ուսուցիչը ուսուցանում էր իր սիրեցյալ աշակերտներին որևէ տուն մտնելիս ասելու ― դա՝ «խաղաղություն տանս այսմիկ»֊ն է։ Ապա քանիցս նա ասել է՝ «խաղաղություն զիմ տամ ձեզ, խաղաղություն զիմ թողում ձեզ, խաղաղություն ընդ ձեզ»։ Իրոք որ այդ թանկարժեքությունը և շնորհը, որ տվել ու թողել է նա իր ձեռքով, թանկարժեքություն է, առանց որի աշխարհիս երեսին բարիք չկա, չկա և երկնքում։ Այդ խաղաղությունն է պատերազմի իսկական նպատակը, իսկ եթե պատերազմի, կնշանակի՝ նաև ռազմիկների։ Արդ, ընդունելով այն ճշմարտությունը, որ խաղաղությունը պատերազմի նպատակն է և որ, հետևաբար, այդ նպատակը գիտության նպատակից վերադաս է, անցնենք հիմա գիտնականի և ռազմիկի մարմնեղեն դժվարություններին և տեսնենք, թե արդյոք որի՞նն է ավելի ծանր։
Այս տեսակ և այսպիսի չքնաղ ոճով շարունակեց դոն Կիխոտն իր ճառը, և նրա ունկնդիրներից և ոչ մեկը այն վայրկյանին չէր ասի, թե նա խելագար է։ Ընդհակառակը՝ նրա ունկնդիրների մեծ մասը կաբալյերոներ էին, որոնց ռազմական գործը մոտ էր, և նրանք մեծ հաճույքով էին լսում։ Իսկ նա շարունակում էր․
― Ահա՛, ասեմ, ուսանողի նեղությունը նախ և առաջ նրա չքավորությունն է (ես չեմ ուզում ասած լինեմ, թե նրանք բոլորն էլ չքավոր են, սակայն դիտմամբ ծայրահեղ դեպքն եմ վերցնում)։ Ասելով, որ նրանք չքավորություն են քաշում, ես, կարծեմ, կարող եմ նրանց աղետների խնդիրն այլևս չարծարծել, որովհետև չքավորը ոչ մի լավ բանի տեր չի լինի։ Նրանք ամեն տեսակ չքավորություն են քաշում՝ մերթ սով, մեկ սառնամանիք, մերթ մերկություն, մերթ այս ամենը միասին։ Այնուհանդերձ, չնայած չքավորության՝ նրանք սնվում են, թեև սովորականից ուշ լինի, թեև հարուստների սեղանի փշրանքներով լինի։ Բայց գիտնականների շրջանում դա մեծ չքավորություն է համարվում, և նրանք ասում են՝ «սպասի ետևից ընկնել»։[153] Բայց էլի բարի մարդիկ նրանց համար մանղալից կամ վառարանից ունենում են, որ թեև նրանց լիովին չի տաքացնում, սակայն դարձյալ մեղմում է ցուրտը։ Համ էլ գիշերները նրանք կտուրի տակ են քնում։ Էլ չեմ խոսում այլ մանր֊մունր բաներից։ Բոլորին հայտնի է, որ նրանք քիչ շապիկ են ունենում, ոտնամանն էլ այնքան առատ չի, որ շորը ոչ միշտ է լինում, իսկ եթե լինում էլ է, ապա ծայր աստիճան մաշված է լինում, և եթե բարի բախտը նրանց հյուրասիրություն է առաքում, նրանք ագահությամբ են վրա տալիս։ Ահա այդ՝ իմ նկարագրած ուղիով գիրթ ու դժվարին, մի տեղ՝ սայթաքելով, այլ տեղ՝ վայր ընկնելով, երրորդ տեղ՝ վեր կենալով՝ նորից վայր ընկնելու համար, ― նրանք հասնում են բաղձալի գիտական աստիճանի։ Իսկ այդ փխրուն ավազուտն, այդ Սցիլլան ու Խարիբդան տեսնելուց հետո նրանցից շատերը բարեհաճ բախտի թևերի վրա հասնում են բարձր պաշտոնների և ղեկավարում ու կառավարում աշխարհս։ Այդ ժամանակ նրանց քաղցը փոխանցում է կուշտության, մրսելը՝ հաճելի հովի, մերկությունը՝ շքեղ զգեստի, և ընկողմանում են նրանք ոչ թե խսիրի այլ հոլանդական քաթանի և դամասկոսյան մետաքսի վրա։ Ահա թե ինչ վարձատրություն է տրվում նրանց առաքինությանը։ Համադրեցեք ապա և համեմատեցեք նրանց դժվարությունները ռազմիկ֊զինվորի դժվարություններին, և նրանք զգալի պակաս կլինեն, ինչպես ես հիմա կապացուցեմ։
Գլուխ XXXVIII
Որ պարունակում է դոն Կիխոտի հետաքրքրական ատենախոսությունը ռազմական գործի և գիտությունների մասին
Դոն Կիխոտը շարունակեց այսպես․
― Ուսանողների աղքատությունը քննության առնելուց հետո զննենք, թե ավելի հարո՞ւստ է զինվորը, և մենք կգտնենք, որ ավելի չքավոր լինելն անկարելի է, որովհետև նա պահպանում է իր գոյությունը թշվառական մի ռոճիկով, որ կամ ուշ֊ուշ են տալիս, կամ իսկի չեն տալիս, և այն, ինչ նա թալանում է իր ձեռքերով նա անում է վտանգելով իր կյանքն ու փրկությունը հանդերձյալ կյանքում։ Հաճախ նա այնքան մերկ է լինում, որ մի հատիկ պատառոտած կաշվե բաճկոնակը նա գործ է ածում թե՛ որպես շապիկ, թե՛ վերի հագուստ, բացի այդ ոչինչ չունենալով ձմռան սառնամանիքին երկնքի խստությունից պաշտպանվելու համար, արձակ դաշտում և միայն իր սեփական շնչով է տաքացնում ինքն իրեն, որ դատարկ տեղից դուրս գալով, հակառակ բնական օրենքներին, պետք է որ ավելի սառը լինի, քան տաք։ Եվ չկարծեք, թե գիշերը վրա հասնելուց նա հույս է ունենում վարձատրվել բոլոր այդ անհարմարությունից կակուղ անկողնու մեջ։ Նրան սպասող անկողինը եթե շատ նեղ լինի, ապա մեղքը իրենն է, որովհետև չոր գետնի վրա նա կարող է տեղ գրավել՝ որքան կամենա, և շուռ ու մուռ գալ՝ առանց վախենալու, որ սավանները կճմռթի։ Ապա գալիս է մարզանքի ժամը և, թերևս, կռվի վայրկյանը՝ նա հաշմանդամ կդառնա, կզրկվի ձեռքից կամ ոտից, կամ գնդակը կկպչի նրա քունքին և նրա գլխին բժշկի գլխարկ կդնեն[154] ծվատից, որ բժշկվի։ Եթե նրան ոչ մի դժբախտություն չպատահի և գթառատ երկինքը նրան պահպանի ողջ և առողջ, արդյոք նա ավելի հարո՞ւստ կդառնա։ Նա չի՞ մնա արդյոք նույն աղքատության մեջ։ Նոր բախումներ, նոր կռիվներ պետք կլինեն և մշտական հաջողություն, որպեսզի նա որևէ բանից օգտվի։ Սակայն այդ հրաշքները սակավ են պատահում։ Ասացեք, խնդրեմ, սինյորներ, արդյոք խորհե՞լ եք դուք, թե քանի զինվոր է վարձատրվում պատերազմում և քանիսը՝ կորչում։ Դուք, անտարակույս, կպատասխանեք, որ համեմատություն չի կարող լինել, մեռածների քանակն անթիվ է, իսկ մնացածների քանակը սահամանփակվում է եռանիշ մի թվանշանով։ Բոլորովին հակառակն է ուսումնականների գործը՝ նրանք իրենց հոնորարներով թե նվիրատվություններով ապրելու միջոցներ միշտ գտնում են։ Այսպիսով, զինվորին բաժին է ընկնում ամենածանր աշխատանքը և միաժամանակ՝ նվազագույն վարձատվությունը։ Թերևս ինձ առարկեն, թե ավելի հեշտ է վարձատրել երկու հազար ուսումնական, քան երեսուն հազար զինվոր, որովհետև առաջինները վարձատրվում են այն պաշտոնով, որ իրավամբ պատկանում է նրանց արհեստին, իսկ մյուսները՝ լոկ իրենց տերերի ծախսով, որոնց նրանք ծառայում է։ Սակայն այս դատողությունն անգամ գալիս է հաստատելու իմ արտահայտած միտքը։ Սակայն մի կողմ թողնենք դժվարությունների այս լաբիրինթոսը և վերադառնանք զինվորականության առավելությանը հանդեպ ուսումնականների, մի հարց, որ տակավին չի լուծվել, չնայած երկու զինվորականները չէին կարող գոյություն ունենալ, որովհետև, եթե պատերազմն ունի իր օրենքները, որոնց նա ենթակա է, ապա այդ օրենքները կախված են գիտությունից ու գիտնականներից։ Իսկ ռազմական գործի կողմնակիցները պատասխանում են, թե առանց նրանց օրենքները, չէին կարող գոյություն ունենալ, որովհետև զենքով են պաշտպանում պետությունները, պահպանվում թագավորությունները, քաղաքները, ապահով դառնում ճանապարհները, ծովահեններից ազատում ծովերը, մի խոսքով, առանց նրանց պետությունները, թագավորությունները, միապետությունները, քաղաքները, ցամաք ու ծովային ճանապարհները կենթարկվեն վտանգների և աղետների, որ բերում է հետը պատերազմը, քանի որ նա տևում է, և նրա իրավունքն ուժն է գործում։ Իսկ ինչ որ ամենից թանկ արժե՝ առավել պիտի գնահատվի, ― դա հաստատ ու հանրածանոթ սկզբունքն է։ Գիտնականների շարքում աչքի ընկնող տեղ գրավելու համար անհրաժեշտ են ժամանակ, անքուն գիշերներ, քաղց, մերկություն, գլխի լարում, ստամոքսի խանգարում և ուրիշ բաներ, որ կապ ունեն դրա հետ և որ մասամբ ես վերը հիշատակեցի։ Սակայն բառիս բուն իմաստով լավ զինվոր դառնալու համար պետք է կրել նույն տառապանքը, ինչ որ ուսանողն է կրում, այն էլ այնպիսի աստիճանի հասցրած, որ համեմատություն անգամ չի կարող լինել, մանավանդ որ զինվորը յուրաքանչյուր վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը։ Եթե ուսանողին նեղում ու ծանրաբեռնում է կարիքի և չքավորության երկյուղը, կարո՞ղ է դա հավասարվել բերդում պաշարված զինվորի սարսափին, որ կանգնած որպես պահակ բուրգի կամ ամրոցի պատվարի վրա լսում է, որ թշնամին վարում է հողը հենց իր ոտների տակ ական դնելու համար և չի հանդգնում ո՛չ ետ քաշվել, ո՛չ փախչել՝ այդքան մոտալուտ վտանգից խուսափելու համար։ Միակ բանը, որ նա կարող է անել, դա իր մեծավորին տեղեկացնելն է, թե ինչ է կատարվում, որպեսզի թշնամու ականի առաջն առնի ականով։ Նա պարտավոր է անշարժ մնալ՝ ամեն վայրկյան սպասելով և երկյուղ կրելով, թե ահա առանց թևերի կթռչի մինչև ամպերը և ակամա կգահավիժի անդունդը։ Իսկ եթե այդ վտանգը մեծ չթվա ձեզ, ապա կան ուրիշները, ոչ միայն դրան հավասար, այլև դրանից վատթար։ Անծայրածիր ծովի մեջ երկու նավ քթերով դիպչում են իրար, հուպ են տալիս և սաստիկ սեղմում իրար։ Զինվորները մեկ նավից մյուսն անցնելու համար անցնում են նեղ տախտակի վրայով։ Նրանց վրա են նայում թշնամու թնդանոթները, մահվան սպասավորները, որ կորուստ են սպառնում։ Նրանց բերանները մի նիզակի չափ հեռավորության վրա են։ Յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է մարտնչողներին Նեպտունի խոր ծոցը նետել։ Եվ, չնայած այդ ամենին, պատվի զգացումից մղված, նրանք իրենց կուրծքը դեմ են անում հրանոթներին և նեղ տախտակով նետվում են թշնամու նավը։ Զարմանալի բան՝ հազիվ է մեկն ընկնում այնտեղ, որտեղից մինչև կատարումն աշխարհի չի ելնի, որ մյուսն արդեն գրավում է նրա տեղը։ Մեկը ծովն է ընկնում, որ սպասում է իրեն, թշնամու պես, նրան փոխարինում են նորերը, և ժամանակ չի լինում նրանց կործանումը նկատելու։ Պատերազմի վեր հանած արիությունից ավելին չի՛ լինի։ Հազար անգամ երջանիկ են եղել այդ դարերը, որ անծանոթ են եղել հրետանու սարսափելի գործիքներին։ Հեղինակը դիվային այդ գյուտի, որի միջոցով ամբարիշտ և տմարդի վախկոտը կարող է սպանել մի արի կաբալյերո, ես չեմ կասկածում, որ վարձատրված է արդեն դժոխում։ Այդ փայլուն սխրագործությունների միջոցին անհայտ է, թե ինչպես կամ որտեղից մի անիծված գնդակ, որ կարող է հրացանի բոցից սաստիկ վախեցած որևէ փախուստ տվող արձակած լինել, խզում է կյանքի թելը և խորտակում բոլոր ծրագիրները մի մարտիկի, որ արժանի էր ապրելու դեռ երկար տարիներ։ Երբ որ ես միտք եմ անում դրա մասին, զղջում եմ թափառական ասպետի արհեստ ընտրելու համար մեր զզվելի դարում, որովհետև, թեև ոչ մի վտանգ ինձ չի վախեցնում, ես չեմ կարող անհոգ խորհել, որ վառոդն ու գնդակը կարող են յուրաքանչյուր վայրկյան ինձ զրկել հռչակավոր դառնալու հնարավորությունից և աշխարհիս երեսին ինձ ճանաչել տալու իմ բազկի զորությամբ և իմ սրի ծայրով։ Սակայն թո՛ղ երկնքի կամքը լինի։ Եթե ես հաջողեմ, ես առավել բարձր կգնահատվեմ, որովհետև կամովին առավելագույն վտանգների եմ ենթարկված եղել, քան թե անցած դարերի ասպետները։
Դոն Կիխոտը այս երկար ատենախոսությունն արեց ուրիշների ընթրելու միջոցին, առանց մի կտոր անգամ ուտելու մասին մտածելու, թեև Սանչոն քանիցս համոզում էր, որ ընթրի և ապա խոսի, ինչքան կամենա։ Նրա ունկնդիրները զգացված ցավակցում էին, որ այսքան առողջ դատողություն ցուցադրող և այսքան ճարտար արտահայտվող մի մարդ միանգամայն կորցնում է իր բանականությունը, հենց որ խնդիրը անիծված ասպետականության է հասնում։ Քահանան նրան ասաց, որ նրա բոլոր փաստարկումները հօգուտ ռազմական գործի միանգամայն արդարացի են և որ թեև նա ինքը ուսումնական մարդ է և գիտական աստիճան ստացած՝ նույն կարծիքին է։
Ընթրիքը վերջացավ, սեղանը հավաքեցին, և մինչև պանդոկպանի կինը, նրա աղջիկն ու Մարիտորներսը կարգի էին բերում դոն Կիխոտ Լամանչեցու փոքրիկ սենյակը, որովհետև որոշված էր, որ գիշերը նրա մեջ միայն կանայք պիտի օթևան գտնեին, դոն Ֆերնանդոն խնդրեց, որ գերին անի իրենց համար իր կյանքի պատմությունը՝ ավելացնելով, որ այդ պատմությունը, անշուշտ, համով֊հոտով կլինի, դատելով նրանից, որ նա երևան է եկել Զորաիդայի հետ։ Գերին պատասխանեց, թե սիրով կկատարեր նրա խնդիրքը, եթե վախենալու չլիներ, որ պատմությունը ունկնդիրներին պակաս զվարճություն կպատճառի, քան ինքը կկամենար։ Քահանան և բոլոր մնացածները շնորհակալություն հայտնեցին գերուն և դարձյալ խնդրեցին նույնը։ Տեսնելով, որ ամեն կողմից խնդրում են՝ նա հարկադրված էր բավարարելու։
― Խնդիրքն ավելորդ է, ― ասաց գերին, ― երբ որ բավական է հրամանը։ Դուք կլսեք ճշմարտապատում պատմություն և, թվում է ինձ, որին չեն հասնի հնարովի վեպերը, որքան էլ նրանք վարպետորեն հյուսված լինեն։ Դե, ուշադիր եղեք, ողորմած սինյորներ։
Այս խոսքերից հետո բոլորը տեղ գրավեցին և սուս կացան։ Գերին, տեսնելով, որ ամենքը լուռ պատրաստվել են ունկնդրելու, մեղմ ու հաճելի ձայնով սկսեց իր պատմությունը։
Գլուխ XXXIX
Գերին զրուցում է իր կյանքի անցք ու դեպքերը
Ես ծնվել եմ Լեոնի լեռներում ընկած մի գյուղում։ Բնությունն ավելի բարեհաճ ու առատաձեռն է եղել մեր տոհմի նկատմամբ, քան բախտը։ Ասենք, աղքատ մի ժողովրդի մեջ իմ հայրը հարուստ մարդու համբավ էր հանել և, իրոք, հարուստ էլ կլիներ, եթե նա չունենար ավելի սեր մսխելու, քան կարողություն կուտակելու։ Առատաձեռնության և շռայլության այդ սովորությունը նա պահպանել էր երիտասարդ հասակից, երբ որ զինվոր էր։ Որովհետև ռազմական ծառայությունը մի դպրոց է, որտեղ խնայողը առատաձեռն է դառնում, իսկ առատաձեռնը՝ շռայլ, իսկ եթե զինվորների մեջ պատահում են ժլատներ, ապա որպես հրեշներ, շատ սակավ են հանդիպում։ Իմ հայրը առատաձեռնության սահմաններից անցնում էր և մոտենում շռայլներին, իսկ այդ հատկությունը ամուսնացած մարդու համար ձեռնտու չէ, որովհետև նա պիտի տա իր որդիներին իր անունն ու կարողությունը։ Մենք երեք եղբայր էինք, երեքս էլ արհեստ ընտրելու համար խորհելու հասակում։ Հայրս, տեսնելով, որ ինքն իր բնության դեմ անզոր է, վճռեց զրկել ինքն իրեն առատաձեռն ու շռայլ լինելու հնարավորություն տվող գործիք ու միջոցից, այն է՝ հրաժարվել կարողությունից, առանց որի Ալեքսանդր Մեծի ձեռքը պինդ կթվար։ Մի օր նա մեզ երեքիս էլ կանչեց իր սենյակն ու առանց օտար վկաների մեզ ասաց հետևյալը․ «Զավակներս, ձեզ ասած լինելու համար, թե ես ձեր լավն եմ ուզում, բավական է գիտենալ և ասել, որ դուք իմ զավակներն եք, և հասկանալու համար, որ ձեր վատն եմ ուզում, բավական է իմանալ, որ չեմ կարողանում ստիպել ինքս ինձ պահպանել ձեր կարողությունը։ Ուստի, որպեսզի դուք այսուհետև հավատացած լինեք, որ ես ձեզ սիրում եմ հարազատ հոր պես և ոչ թե կամենում կործանել խորթ հոր նման, ես ուզում եմ առաջարկել ձեզ մի ծրագիր, որ վաղուց հետև մտածել ու նախապատրաստել եմ հասուն խորհրդածությամբ։ Դուք հասել եք այն հասակին, երբ որ պետք է խորհել գործի մասին, առնվազն՝ արհեստի, որ հետագայում ձեզ պատիվ ու շահ կարողանար բերել։ Ես միտք եմ արել մեր կարողությունը չորս մասի բաժանել։ Երեքը կտամ ձեզ, ամեն մեկիդ՝ հավասար մաս, ինչպես վայել է, իսկ չորրորդը կպահեմ ինձ, որպեսզի ապրեմ և գոյություն պահպանեմ այնքան օր, որքան երկինքը հաճի ուղարկել ինձ։ Սակայն ես կկամենայի, որ ձեզնից յուրաքանչյուրը իրեն հասանելիք մասն ստանալուց հետո ընտրեր երեք ուղիներից մեկը, որ ես ձեզ մատնանիշ կանեմ։ Մեր Իսպանիայում, իմ կարծիքով, մի շատ ճիշտ առած կա, ինչպես, ասենք, բոլոր առածները, որովհետև նրանք հակիրճ ասվածքներ են՝ դուրս բերված երկարատև փորձից։ Ակնարկածս առածն ասում է․ «Եկեղեցի, ծով կամ արքունիք»։ Դա կնշանակի՝ ով որ կամենում է գործունյա և հարուստ մարդ դառնալ պետք է սպասավորի եկեղեցուն, կամ նավ նստի, որ առևտրով զբաղվի, կամ թե թագավորի պալատում ծառայության մտնի, որովհետև, ինչպես ասում են, թագավորի փշրանքն ավելի արժե, քան կալվածատիրոջ շնորհը։ Ասելս այն է, որ ես կկամենայի, դա է իմ կամքը, որպեսզի ձեզնից մեկը նվիրվի գիտության, մյուսը՝ առևտրին և երրորդը ծառայի թագավորի զորքի մեջ՝ նկատի առնելով, որ նրա պալատը մտնելը շատ դժվար է։ Թեև ռազմական գործը մեծ հարստություն չի բերում, սակայն առնվազն փառք ու պատիվ է տալիս։ Մի շաբաթից ձեզնից յուրաքանչյուրը կստանա իր մասը փողով, և մեկ գրոշ պակաս չի լինի։ Դե, հիմա ասացեք, պատրա՞ստ եք արդյոք հետևելու իմ կարծիքին ու խորհրդին, որ ես վերև հայտնեցի»։ Նա դիմեց ինձ՝ որպես ավագի։ Ես խնդրեցի, որ նա իր կարողությունը չբաժանի, այլ թողնի իր տրամադրության տակ։ Ցուցադրեցի, որ մենք արդեն վաստակելու հասակում ենք և ավելացրի, որ կհնազանդեմ նրա կարգադրության և կմտնեմ զորքի մեջ՝ ծառայելով միաժամանակ Աստծուն ու իմ թագավորին։ Երկրորդ եղբայրս նույն նկատողություններն արեց և ընտրեց կտրել֊անցնել Ամերիկա իրեն հասանելիք մասով։ Կրտսերը, որ, ըստ իս, ամենից իմաստունը եղավ, ասաց, որ կկամենար մտնել եկեղեցի կամ Սալամանկա գնալ՝ իր ուսումն ավարտելու համար։
Մեր համաձայնության գալուց հետո հայրս մեզ գրկեց և նշանակած ժամկետին յուրաքանչյուրիս տվեց իր մասը փողով, որքան հիմա հիշում եմ, գումարը հասնում էր երեք հազար Դուկատի։ Հայրս մեր կալվածքը վաճառել էր մեր հորեղբորը, որը, չկամենալով, որ օտար ձեռք անցնի, անմիջապես վճարել էր նաղդ փողով։ Նույն օրը մենք, երեքս էլ, հրաժեշտ տվինք հորս։ Սակայն ճամփա ընկնելուց առաջ, որովհետև ինձ տմարդություն էր թվում լքել ծերացած հորը այնքան չնչին միջոցներով, ես ստիպեցի, որ նա ետ վերցնի երկու հազար դուկատ իմ երեք հազարից՝ կարծելով, որ մնացածը բավական կլինի ռազմական կարգ ու սարք ձեռք բերելու համար։ Իմ երկու եղբայրները, դրդված իմ օրինակից, տվին հորս հազարական դուկատ, այնպես որ նրա մոտ չորս հազար դուկատ մնաց, բացի այդ, երեք հազար արժողությամբ գույքը, որ նա չկամեցավ վաճառել։ Վերջապես մենք անջատվեցինք նրանից և հորեղբորիցս, որին ես արդեն հիշատակեցի։ Հրաժեշտը սրտաշարժ էր, շատ արցունք թափվեց, հայրս մեզնից խոսք վերցրեց, որ ամեն անգամ, երբ առիթ ներկայանա, մենք լուր տանք նրան մեր հաջողությունների և անհաջողությունների մասին։ Մենք խոստացանք, նա մեզ գրկեց և օրհնեց, ապա թե եղբայրներիցս մեկը ճամփա ընկավ Սալամանկա, մյուսը՝ Սևիլյա, իսկ ես՝ Ալիկանտե, որտեղ տեղեկացա, թե մի ջենովացի նավ, բրդով բեռնած, շուտով դուրս է գալիս Ջենովա։
Ահա քսաներկու տարի է, ինչ ես լքել եմ հայրենական հարկս և ամբողջ այդ ժամանակի ընթացքում, թեև բազմաթիվ նամակներ եմ ուղարկել, ոչ մի անգամ լուր չեմ ունեցել ո՛չ հորիցս, ո՛չ եղբայրներիցս։ Հիմա պատմեմ կարճառոտ, թե այդ տարիների ընթացքում ինչեր են անցել գլխովս։ Ես նավ նստեցի և բարեհաջող կերպով հասա Ջենովա, որտեղից գնացի Միլան, ձեռք բերեցի զենք և այլ զինվորական պարագաներ և մտադիր էի մտնել Պիեմոնտեի բանակը, սակայն Ալեքսանդրիա դե լա Պալլայում լսեցի, որ հռչակավոր դուքս Ալբան մեկնում է Ֆլանդրիա։ Ես փոխեցի որոշումս, միացա նրան, նրա հետ կատարեցի ողջ այդ արշավանքը, ներկա եղա Էգմոն և Հոռն կոմսերի մահապատժին[155] և, գուադալախարացի երևելի կապիտան Դիեգո դե Ուռբինայի[156] հրամանատարության տակ հասա դրոշակակրի աստիճանի։ Ֆլանդրիա հասնելուցս մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ վեհափառ և երջանկահիշատակ Պիոս V պապը դաշն է կռել Վենետիկի և Իսպանիայի հետ ընդդեմ ընդհանուր թշնամու՝ տաճիկների, որոնք հենց այդ միջոցին նավատորմիղով գրավել էին երևելի կղզի Կիպրոսը, որ Վենետիկի իշխանության տակ էր գտնվում՝ ցավալի և դժբախտ կորուստ։
Ստուգապես հայտնի եղավ, որ այդ դաշնակիցների հրամանատարը լինելու է մեր բարի արքա դոն Ֆիլիպի խորթ եղբայր Խուան Ավստրիացին, և որ պատերազմի համար մեծամեծ պատրաստություններ են տեսնում։ Այդ լուրերը հրահրեցին ինձ և բորբոքեցին հոգիս, որ մասնակցեմ առաջիկա արշավանքին։ Եվ, չնայած, որ ես հույս ունեի և անգամ խոստում, որ առաջին իսկ բարենպաստ դեպքում կապիտանի աստիճան կստանամ, այնուամենայնիվ, վճռեցի ամեն ինչ թողնել և գնալ Իտալիա։ Այդպես էլ արի։ Բարեբախտաբար, դոն Խուան Ավստրիացին այդ իսկ ժամանակ եկել էր Ջենովա և Նեապոլ գնալու վրա էր, որպեսզի այնտեղ միանա վենետիկցիների նավատորմիղին, մի բան, որ նա կատարեց հետագայում Մեսսինայում։ Այսպիսով, ես մասնակցեցի մի հռչակավոր և մեծ ճակատամարտի, արդեն կապիտանի աստիճանի հասած,[157] շնորհիվ առավել բարեհաճ բախտի, քան իմ արժանիքների։ Այդ օրը՝ քրիստոնյաների համար այնքան նպաստավոր, խորտակվեց ողջ աշխարհի և բոլոր ազգերի այն սխալ համոզումը, թե տաճիկները ծովի վրա անհաղթելի են, այդ օրը, կրկնում եմ, երբ պախարակվեց օտտոմանյան ամբարտավանությունն ու գոռոզությունը, բազմաթիվ երջանիկների թվում (որովհետև քրիստոնյաները, որ ընկան այդ ճակատամարտում, պետք է կենդանի մնացածներից երջանիկ համարվեն) դժբախտը ես էի։ Փոխանակ ծովային պսակ ստանալու, ինչպես կլիներ հին հռովմայեցիների ժամանակ, այդ փառավոր օրվան հաջորդող գիշերը ես ձեռք ու ոտս շղթայակապ տեսա։ Այսպես պատահեց՝ Ալժիրի թագավոր Ուշալին՝ խիզախ ու հաջողակ մի ծովահեն, շրջապատեց և գրավեց Մալթայի կապիտանի նավը, որի վրա կենդանի մնացին երեք զինվոր, այն էլ՝ ծանր վիրավորված։ Օգնության հասավ Խուան Անդրեայի նավը, որի վրա էի ես իմ խմբի հետ։ Ինչպես հարկն է նման դեպքերում, ես թռա թշնամի նավի վրա, բայց այդ վայրկյանին նավերն իրարից բաժանվեցին, և իմ զինվորները չկարողացան հետևել ինձ, և ես մնացի մենակ թշնամիների միջև՝ ուժասպառ վերքերից և հարկադրված տեղի տալու գերազանց թվին։ Նրանք ինձ գերի առան։ Եվ, որովհետև Ուշալին, ինչպես դուք, երևի, գիտեք, լսել եք, հաջողեց իր ողջ նավատորմիղով փրկվել, նա ինձ հետը գերի վարեց։ Ես միակ տխուրն էի այնքան ուրախների մեջ, միակ գերին՝ այնքան ազատների մեջ։ Չէ՞ որ այդ օրը տասնհինգ հազար քրիստոնյա, որ թիապարտ էին, վերջապես բաղձալի ազատություն ստացան։
Ինձ տարան Կոստանդնուպոլիս։ Սուլթան Սելիմը իմ տիրոջը նշանակեց ծովային գեներալ, որովհետև ճակատամարտում նա կատարել էր իր պարտականությունը և, իբրև ապացույց իր արիության, հետը բերել էր Մալթայի միաբանության դրոշակը։ Մի տարի անց, այսինքն՝ յոթանասուներկու թվին, թիավարելով եռալապտեր նավը,[158] ես գնացի Նավարինո։[159] Ես իմ աչքովս տեսա, ինչպես մենք ձեռքից գցեցինք դեպքը՝ գրավելու նավահանգստում տաճկական ողջ նավատորմիղը, որովհետև լևանտեցիներն ու ենիչարները,[160] որ նավերի վրա էին, հաստատ հավատացած էին, որ հարձակումը տեղի պիտի ունենա նավահանգստում իսկ, և պահել էին ձեռներում իրենց շորերն ու ոտնամանները, որպեսզի կարողանան ափ իջնել ու փախչել, առանց կռվի սպասելու․ ահա՛ թե որքան մեծ էր նրանց եկյուղը մեր նավատորմիղից։ Սակայն երկինքն այլ կերպ էր տնօրինել, ոչ թե մեր նավատորմիղի հրամանատարի մեղքից կամ սխալանքից, այլ քրիստոնյաների մեղքերի համար և, որովհետև Աստված կամենում ու թույլատրում է, որ մեզ պատժելու համար դահիճները չպակասեն։ Իրավ, Ուշալին քաշվեց Մոդոն, Նավարինոյից ոչ հեռու գտնվող կղզի, որտեղ զորքերը ափ հանելով, նա նավահանգստի մուտքը ամրացրեց և ապահով մնաց, մինչև դոն Խուանի վերադարձը։ Այդ արշավանքի միջոցին մենք գրավեցինք Լա Պրեսա[161] նավը, որի կապիտանը հռչակավոր ծովահեն Բարբարոխայի[162] որդին էր։ Նապոլիի լա Լոբա[163] նավն էր, որ գերի վարեց նրան և որի հրամանատարն էր զինվորների հայր, հաջողակ և անհաղթ կապիտան Ալվարո դե Բասանը, դե Սանտա Կրուսի մարկիզը։[164] Չեմ կարող չպատմել, թե ինչ պատահեց Լա Պրեսայի գրավման միջոցին։ Բարբարոխայի որդին խստասիրտ մարդ էր և վատ էր վարվում ստրուկների հետ, և ահա, երբ որ նրա թիավարողները տեսան, որ Լոբա նավը շեշտակի նրանց վրա է գալիս և շուտով վրա կհասնի, նրանք իսկույն թիերը թողին, բռնեցին կապիտանին, որ կանգնած նավի միջին ու վերջին կայմերի միջև, տախտակամածի վրա գոռում էր, որ նրանք ավելի ուժգին թիավարեն, և ձեռքե֊ձեռք նետելով նրան, մեկ նստարանից մյուսը, սկսելով նավի ետևի մասից մինչև քիթը, նրան ատամներով այնպես էին կրծոտել, որ նրան տախտակամածի բարձրությունից վայր բերելուց հետո նրա հոգին շատ շուտ արդեն սանդարամետք էր իջել, այդքան դաժան էր նրա վարմունքը և սաստիկ ատելությունը նրա դեմ։
Մենք վերադարձանք Կոնստանդնուպոլիս։ Հետևյալ՝ 1573 թվին, հայտնի դարձավ, որ դոն Խուանը գրավել է Թունիսը՝ խլելով տաճիկներից և իշխանությունը հանձնելով Մուլեյ Համետին։ Դրանով նա Մուլեյ Համետին զրկեց իշխանությանը վերադառնալու հույսից, այդ ամենադժնի և խիզախ մավրին, որ երբևէ ապրել է աշխարհիս երեսին։ Սուլթանը շատ տխրել էր այդ կորուստի առիթով և խաբեությամբ, որ հատուկ է նրա ամբողջ ցեղին, նա վենետիկցիների հետ խաղաղություն կնքեց։ Վենետիկցիները կռվի վախճանին ավելի էին փափագում, քան թե ինքը և, հետևյալ՝ յոթանասունչորերորդ տարին նա պաշարեց Գոլետան և Թունիսից ոչ հեռու գտնվող ամրությունը, որ կիսով չափ կառուցել էր սինյոր դոն Խուանը։ Բոլոր այդ ռազմական գործողությունների ժամանակ ես թիավարում էի նավի վրա՝ կորցրած ազատվելու որևէ հույս։ Համենայն դեպս՝ փրկանքի հույս չունեի, որովհետև որոշել էի իմ դժբախտության մասին հորս ոչինչ չգրել։
Վերջ ի վերջո Գոլետան ու ամրությունը գրավվեցին։ Այդ երկու ռազմաճակատներում նրանք յոթանասունհինգ հազար վարձկան տաճկական զորք էին հանել և բովանդակ Աֆրիկայից՝ ավելի քան չորս հարյուր հազար արաբ ու մավր, իսկ այս բազմաթիվ բանակի ետևում այնքան սայլ կար, ռազմամթերք ու ռազմական ճարտարապետ, որ եթե յուրաքանչյուր զինվոր մի բուռ հող գցելու լիներ, ապա Գոլետան էլ, ամրությունն էլ, կծածկվեին հողի տակ։ Նախ անձնատուր եղավ Գոլետան, որ մինչ այդ անառիկ էր համարվում, այն էլ ոչ թե պաշտպանվողների մեղքով, որովհետև վերջիններս արել էին պաշտպանության համար այն ամենը, որ կարող էին և պարտավոր, այլ որովհետև փորձը ցույց տվեց, որ այդ անապատի ավազում շատ հեշտ էր խրամատներ փորելը։ Սովորաբար երկու ոտնաչափ խորը ջուր է դուրս գալիս, իսկ տաճիկները մեկուկես ոտնաչափից խորը չէին փորում։ Նրանք, պարկերը ավազով լցնելով, այնքան բարձր պատնեշ էին շինել, որ իշխում էին ամրոցի պատերի վրա, իսկ պաշարվածները չէին կարողանում պաշտպանվել կամ խանգարել թշնամիներին բարձրությունից հրացան արձակել։
Ընդհանուր կարծիք էր տիրում, որ մերոնք չպիտի փակվեին ամրոցում, այլ, ընդհակառակը, պիտի սպասեին արձակ դաշտում թշնամուն ափ իջեցնելուց խանգարելու համար։ Սակայն այդպես ասողները հեռվանց հեռու էին դատում և նման գործերում բավականին փորձառու չէին։ Գոլետայում և ամրոցում հազիվ յոթ հազար զինվոր կար․ ինչպե՞ս կարող էր այդքան սակավաթիվ մի խումբ, որքան էլ արի լիներ, դուրս գալ դաշտ և պաշտպանել ամրոցը թշնամու նման գերազանց ուժերի դեմ։ Եվ, ընդհանրապես, կարո՞ղ է արդյոք ամրոցը դիմանալ առանց դրսի օգնության, երբ որ բազմաթիվ, գազազած, իր սեփական հողի վրա գործող մի զորք է պաշարում։ Գալով ինձ և շատ ուրիշներին՝ թվում էր, թե ոչնչացումը չարի այդ օջախների, որ սպունգի պես ծծում և ցեցի պես ուտում են բազում միջոցներ, որ աննպատակ ծախսվում են, ― երկնքի մի առանձին շնորհ է և ողորմածություն Իսպանիայի նկատմամբ։ Որովհետև նրանք մեզ ոչ մի օգուտ չէին բերում, եթե հաշվելու չլինենք, որ պահպանում էին անհաղթ թագավոր Կառլոս Հինգերորդի նվաճման հիշատակը։ Սակայն առանց այդ քարերի էլ նրա հիշատակը հավերժական չէ՞ և չի՞ լինելու։ Ապա անձնատուր եղավ ամրությունը։ Բայց տաճիկները ստիպված էին գրավելու թիզ թիզի ետևից, որովհետև պաշտպանները այնպիսի արիությամբ ու կարողությամբ էին կռվում, որ քսաներկու գրոհների ընթացքում թշնամին քսանհինգ հազար սպանված կորցրեց։ Կենդանի մնացած երեք հարյուր մարդուց և ոչ մեկը առանց վերքի գերի չընկավ՝ ստույգ ու ակներև ապացույց նրանց արիության և խիզախության՝ նրանք բոլորն էլ քաջ պաշտպանվում էին և մինչև վերջը մնացին իրենց տեղերում։ Վերջապես ընկավ նաև փորքրիկ ամրությունը, ավելի ճիշտ՝ աշտարակը, որ լճի մեջտեղում էր կանգնած և գտնվում էր վալենսիացի կաբալյերո և փառավոր ռազմիկ դոն Խուան Սանո Դերայի հրամանատարության տակ։ Գերի ընկավ դոն Պեդրո Պուերտոկարրերոն, Գոլենայի պարետը։ Նա ամրոցի պաշտպանության համար արեց ամենը, ինչ որ ի վիճակի էր և այնքան էր տխրել հանձնումի պատճառով և դարդամահ եղավ Կոստանդնուպոլիսի ճամփին, որտեղ նրան տանում էին իբրև գերի։ Նմանապես գերի ընկավ ամրության պարետը, Գաբբիո Սերվելլոն անունով միլանցի մի ազնվական ճարտար ճարտարապետ և արի ռազմիկ։ Այդ երկու ամրոցներում շատ ականավոր մարդիկ կործանվեցին, ի թիվս որոնց ոմն Պագան դե Օրիա, Սան֊Խուանի ուխտի ասպետ, ազնիվ հոգու տեր մի մարդ, որ ապացուցեց այդ իր վեհանձն վերաբերմունքով դեպի իր եղբայր հռչակավոր Խուան Անդրեա դե Օրիան։ Նրա մահը առավել ևս ցավագին էր, որ նա ընկավ արաբների ձեռքից, որոնց վրա վստահացել էր, համոզվելով, որ կորած է վերջին հույսը ամրությունը փրկելու։ Նրանք առաջարկել էին տանել նրան, շորերը փոխած, մավրերի զգեստով, Տաբարկա, փոքրիկ մի նավահանգիստ, կամ ավելի ճիշտ՝ ծովափնյա մի ավան, որ պատկանում էր ջինովացիներին, որոնք այնտեղ մարջան հանելով են զբաղվում, ապա թե կտրեցին նրա գլուխը և տարան տաճիկ նավատորմիղի հրամանատարին։ Վերջինս նրանց հետ վարվեց ըստ մեր իսպանական առածի՝ «դավաճանությունը ձեռնտու է մեզ, բայց դավաճանը՝ ատելի»։ Ասում են, թե հրամանատարը իբրև պարգև իրեն բերածների համար հրամայեց նրանց կախել, որ թշնամուն կենդանի չեն բերել։
Ամրոցում գերված քրիստոնյաների մեջ կար ոմն Պեդրո դե Ադիլար, ծնված Անդալուզիայի չգիտեմ թե ինչ վայրում, որը ամրոցում դրոշակակիր էր, համարվում էր երևելի ռազմիկ և հազվագյուտ խելքի տեր մարդ։ Նա պոեզիա կոչվող արվեստի մեջ առանձին շնորհք ուներ։ Ես նրա համար եմ այդ պատմում, որ բախտը մեզ միացրեց միևնույն նավում և միևնույն նստարանի վրա, որովհետև նա էլ իմ տիրոջ ստրուկը դառավ։ Այդ նավահանգիստը թողնելուց առաջ նա տապանագրի նման երկու սոնետ հորինեց, մեկը՝ նվիրված Գոլետային, մյուսը՝ ամրոցին։ Ես ուզում եմ արտասանած լինել ձեզ, որովհետև անգիր եմ հիշում և կարծում եմ, որ ավելի հաճելի կլինեն ձեզ, քան անհաճո։
Երբ որ գերին դոն Պեդրո դե Ագիլարի անունը տվեց, դոն Ֆերնանդոն նայեց իր ուղեկիցներին, նրանք բոլորն իրար ժպտացին, և այն վայրկյանին, երբ պատմողը ոտանավորներն ասելու վրա էր, կաբալյերոներից մեկն ասաց․
― Նախքան ձերդ ողորմածությունը շարունակի, աղաչում եմ, ասացեք ինձ, թե ինչ պատահեց այդ դոն Պեդրո դե Ագիլարին, որին դուք հիշատակեցիք։
― Ահա թե ինչ գիտեմ ես նրա մասին, ― պատասխանեց գերին։ ― Երկու տարի Կոստանդնուպոլսում մնալուց հետո նա փախավ առնաուտի շոր հագած, մի հույն լրտեսի հետ, բայց ինձ անհայտ է, ազատվե՞ց, թե՞ չէ, թեև կարծում եմ, որ այո։ Մի տարի անց ես պատահեցի այդ հույնին Կոստանդնուպոլսում, բայց ինձ չհաջողվեց հարց ու փորձ անել նրան, թե փախուստն ինչով վերջացավ։
― Նա ազատ է, ― պատասխանեց կաբալյերոն։ ― Այդ դոն Պեդրոն իմ հարազատ եղբայրն է և ներկայիս ապրում է իր ծննդավայրում, հարուստ և առողջ։ Նա ամուսնացած է և երեք զավակ ունի։
― Փառք Աստծուն, ― ասաց գերին, ― աշխարհի երեսին չկա գերագույն երջանկություն, քան ետ բերել կորցրած ազատությունը։
― Ավելին՝ ես գիտեմ եղբորս հորինած սոնետները։
― Դե թող ձերդ ողորմածությունն արտասանի, ― խնդրեց գերին։ ― Դուք ինձնից լավ կոգեք։
― Սիրով, ― պատասխանեց կաբալյերոն։ ― Ահա Գոլետային նվիրված սոնետը։
Գլուխ XL
Գերու պատմության շարունակությունը
Սուրբ ոգիներ, որ է մարմնից ունայն,
Հրաժարեցված արդար գործի համար,
Հեռու Սահմանեզրից վեր բարձրացան՝
Դեպի երանավետ լույսը պայծառ։
Դուք, որ բարի խանդով մի սրբազան
Մրցեցիք մարմնի հետ զայրութավառ,
Ձեր արյունը ընդդեմ ոսոխ արյան՝
Թշնամյաց հասցըրեց մինչև ծովն հողմավար։
Կյանքը, և ո՛չ սակայն քաջությունը
Գոռ մարտիկի ձեռքը դավաճանեց,
Որ պարտությամբ շահեց հաղթությունը։
Եվ այդ գերեզմանը ձեր վշտահեծ
Պսակել է ձեզ փառքով, ամվամբ, ―
Երկրի և երկընքի անմահությամբ։
― Սա հենց իմ իմացածս է, ― ասաց գերին։
― Եթե հիշողությունս չի դավաճանում, ահա՛ ռազմաճակատին նվիրված սոնետը։
Այս ավեր երկրի աշտարակներից,
Փլված կրակի, ծխի մեջ՝ ավեր,
Երեք հազար քաջ ամբարձան ի վեր, ―
Դեպի դրախտի օթևանն անբիծ։
Իզուր է լարում նրանց ետևից
Հզորությունը համարձակ ձեռքեր,
Մինչ նրանք հոգնած դժնի մարտերից՝
Երկաթված կյանքով ― հանգեցին ի տեր։
Քիչ չէ ճաշակել հողը հնացած
Քիչ չէ ճաշակել ժամանակը արդ
Հիշողություններ ― տրտմությամբ պատած։
Բայց արդարության ձեռքը դեռ ժլատ
Այդչափ չընկճված մարմին և հոգի
Դեռ չի ուղարկել գիրկը երկընքի․․․
Սոնետները դուր եկան, իսկ գերին, ուրախանալով իր ընկերոջ մասին ստացած լուրից, շարունակեց իր պատմությունը։
― Գրավելով Գոլետան ու ամրությունը, տաճիկները հրաման արձակեցին Գոլեան քանդել։ Գալով ամրությանը՝ նա այնպիսի վիճակի մեջ էր, որ քանդելու տեղ էլ չէր մնացել։ Եվ ահա՝ այդ աշխատանքը դյուրացնելու և արագացնելու համար, նրանք Գոլետայի տակը երեք կողմից ական դրին, սակայն նրանց չհաջողվեց քանդել այն, ինչ որ թվում էր ամենից քիչ ամուրը՝ հին պատերը։ Ֆրատինոյի[165] կառուցած նոր ամրություններից ինչ որ մնացել էր՝ իսկույն հօդս ցնդեց։ Վերջապես նավատորմիղը վերադարձավ Կոստանդնուպոլիս հաղթական ու հանդիսավոր կերպով, իսկ դրանից մի քանի ամիս հետո մեռավ իմ տեր Ուշալին, որի մականունը Ֆարտաքս էր, որ տաճկերեն կնշանակի՝ Քոսոտ հավատափոխ։ Իրոք, նա հենց այդ տեսակ մեկն էր։ Տաճիկների սովորությունն է մարդկանց մականուն տալ՝ քաղելով այն կամ նրա որևէ պակասությունից, կամ առաքինությունից։ Դա նրանից է, որ նրանք միմիայն չորս ազգանուն ունեն, որ ծագում են օտտոմանյան հարստությունից, իսկ բոլոր մնացածները ինչպես ես արդեն ասացի, կա՛մ ըստ մարմնական պակասության, կա՛մ ըստ հոգեկան հատկության։ Այդ Քոսոտը, մեծն սուլթանի ստրուկը լինելով, ամբողջ տասնչորս տարի թիավարելիս է եղել, և երբ որ նրա երեսունչորս տարին լրացել է, ուրացել է իր հավատը՝ դրդված ատելությունից մի տաճիկի դեմ, որ նրան նավի վրա ապտակ է տված եղել և ցանկությունից՝ նրանից վրեժ լուծել։ Եվ նրա արժանիքներն այնքան մեծ էին, որ նա ստիպված չեղավ անցնելու խայտառակ ուղիներով ու շավիղներով, որոնցով սովորաբար բարձրանում են սուլթանի ֆավորիտները, և նա շուտով Ալժիրի թագավոր նշանակվեց, ապա թե Ծովային Հրամանատար՝ տաճկական պետության մեջ, ըստ կարևորության, երրորդ պաշտոնը։ Նա ծնված է եղել Կալաբրիայում, բարի հոգու տեր էր և շատ մարդավարի վերաբերմունք ուներ դեպի իր ստրուկները։ Իսկ նրա ստրուկների թիվը հասնում էր երեք հազարի և, նրա մահից հետո, համաձայն նրա թողած կտակի, նրանց բաժանեցին մեծն սուլթանի (որ համարվում է իր յուրաքանչյուր հպատակի ժառանգը և ննջեցյալի որդիների հետ հավասար բաժին է ստանում) և նրա հավատափոխների միջև։ Ես բաժին ընկա մի վենետիկցի հավատափոխի, որ նախապես նավի վրա փոքրիկ ծառա էր եղել։ Գերի վարված լինելով Ուշալիից՝ նա այնպես գրավեց տիրոջ համակրությունը, որ շուտով դառավ նրա սիրեցյալներից մեկը, ապա թե հավատափոխ եղավ, այն էլ այնքան մոլեռանդ, որ դեռ աշխահս չէր տեսել։ Նրա անունը Հասան աղա էր։ Նա սաստիկ հարստացավ և նշանակվեց Ալժիրի թագավոր։ Նրա հետ էլ ես Կոստանդնուպոլսից այնտեղ գնացի, ուրախանալով, որ ավելի մոտ եմ լինելու Իսպանիային, ― ո՛չ թե նրա համար, որ միտք ունեի մեկն ու մեկին գրելու իմ աղետի մասին, ― ո՛չ, այլ ես հույս ունեի, որ Ալժիրում բախտն ավելի բարեհաճ կլինի դեպի ինձ։ Կոստանդնուպոլսում ես հազար ու մի հնարքով փորձեցի փախչել, սակայն ոչ մի անգամ բախտս չբերեց, որ հարմար դեպք գտնեմ։ Իսկ Ալժիրում ես հույս ունեի այլ եղանակներ գտնել և հասնել երազածիս, որովհետև ազատվելու հույսը ինձ երբեք չէր լքում և, երբ որ իմ խորհածի, նախապատրաստածի և կատար ածածի հաջողությունը չէր համապատասխանում մտադրությանս, ես չէի ընկճվում, իսկույն ևեթ խորհում ու գտնում էի նոր հույս, անգամ թույլ ու թշվառ, որ սակայն ինձ թև էր տալիս։ Ահա թե ինչ խոհերով էի սնում հոգիս՝ նստած բանտում, կամ, ինչպես ասում են տաճիկները, բանյոյում,[166] որտեղ տեղակել էին քրիստոնյա գերիներին, ինչպես թագավորի և մի քանի մասնավոր անձանց, այնպես էլ ալմասեն[167] կոչեցյալի, այլապես՝ քաղաքային խորհուրդի ստրուկները, որոնց աշխատեցնում են շինարարությունների և քաղաքային այլ գործերի վրա։ Այս վերջինների համար առանձնապես դժվար է ազատվել, որովհետև մասնավոր մարդու չեն պատկանում, այլ համայնքին, ուստի, եթե նրանք անգամ փրկանք գտնելու լինեն, չկա մեկը, որին առաջարկեն։ Այս բանտերում, ինչպես ես արդեն ասացի, քաղաքի մի քանի մասնավոր անձինք նույնպես պահում են իրենց ստուկներին, մանավանդ, եթե նրանցից փրկանք եմ ակնկալում։ Ստրուկներն ապրում են լավ պայմաններում և վստահելի հսկողության տակ, մինչև որ փրկանքը գա։ Թագավորի ստրուկներն էլ, որոնց համար փրկանք է սպասվում, աշխատանքի են ուղարկվում մնացյալ խմբի հետ այն դեպքում միայն, եթե փրկանքն ուշանում է և, նրանց հարկադրելու համար, որ ավելի համառ աշխատեն փրկանքը ստանալ, նրանց քշում են աշխատանքի, նույնիսկ փայտ կտրելու անտառում, իսկ դա թեթև աշխատանք չէ։
Ես էլ նրանց թվում էի, որոնց համար փրկանք էին սպասում, որովհետև թեպետ ես հայտարարել էի, թե ոչ մի կարողություն չունեմ, մավրերը, իմանալով, որ կապիտան եմ, ինձ չհավատացին և ազնվականների խմբին կցեցին և այն ստրուկների, որոնց համար փրկանք էին ակնկալում։ Շղթաները, որոնցով կաշկանդել էին ինձ, ոչ այնքան իմ ստրկության նշանն էր, որքան սպասվող փրկանքի։ Եվ այսպես ահա անցնում էին մեր օրերը՝ բանյոյի մեջ, ազնվականների և բազմաթիվ նշանավոր մարդկանց շրջանում, որոնց համար փրկանք էր սպասվում։ Հաճախ, ավելի ճիշտ՝ միշտ, մենք տառապում էինք սով ու զրկանքից, սակայն ոչինչ մեզ այնքան չէր տանջում, ինչպես մեր տիրոջ չտեսնված և չլսված խստասրտությունը քրիստոնյաների նկատմամբ՝ այդ մենք տեսնում էինք և ամեն քայլափոխում լսում դրա մասին։ Ամեն օր նա մեկին կախում էր, մյուսին ցից էր հանում, երրորդի ականջը կտրում, այն էլ ամենաաննշան պատճառից կամ առանց որևէ առիթի, այնպես որ տաճիկները իրենք էլ էին հասկանում, որ նա սեփական հաճույքի համար է այդպես վարվում, որովհետև բնությունը նրան ստեղծել է իբրև ճիվաղ մարդկային ցեղի։ Նա լավ էր վարվում միայն մի իսպանացի զինվորի հետ՝ անունը Սաավեդրա, որը ազատություն ձեռք բերելու համար այնպիսի բաներ էր անում, որ տաճիկները երկար ժամանակ չեն մոռանա։ Այնուամենայնիվ, Հասան աղան նրան ոչ մի անգամ չխփեց, ոչ մի անգամ չհրամայեց, որ նրան ծեծեն և երբեք նրան վատ խոսք չասաց, մինչդեռ մենք բոլորս ահ ու դողով խորհում էինք, որ նրան իր արարքների ամենաչնչին մասի համար ցից կհանեն, ասենք՝ ինքն էլ քանիցս երկյուղ էր կրում։ Եթե ժամանակն ինձ ների, ես ձեզ այդ զինվորի մի քանի սխրագոծությունները կպատմեի և ես հավատացած եմ, որ դուք ավելի կզարմանայիք ու կհետաքրքրվեիք, քան իմ պատմությամբ։
Վերադառնամ, սակայն, իմ պատմությանը։ Մի հարոուստ ու ազնվական մավրի տան լուսամուտները նայում էին մեր բակին։ Տեղական սովորության համեմատ նրանք ավելի ճեղքերի էին նմանում, քան լուսամուտների, համ էլ ծածկված էին եղեգնյա վարագույրներով։ Մի օր ես երեք ընկերներիս հետ կանգնած էի բանտի կտեր վրա և պարապությունից շղթայակապ ոտներով թռչկոտելու փորձ էինք անում։ Բացի մեզնից այնտեղ մարդ չկար, որովհետև մնացածները գնացել էին աշխատաքնի։ Հանկարծ աչքս բարձրացնելով նկատեցի, որ այդ ծածկած լուսամուտներից մի եղեգ է քաշ ընկել, ծայրին էլ թաշկինակ կապած։ Եղեգը շարժվում ու ոլորվում էր, ասես նշան էր անում, որ բռնեն։ Նայեցինք֊նայեցինք, վերջապես մեզնից մեկը գնաց լուսամուտի տակին կանգնեց, տեսնի՝ կգցեն այդ եղեգը թե չէ և ընդհանրապես, ինչ կլինի դրա վերջը։ Սակայն հազիվ էր հեռացել իր տեղից, որ եղեգը բռնող ձեռքը բարձրացրեց նրան և սկսեց թափահարել աջ ու ձախ, ասես թե գլուխն էր օրորում, կամենալով ասել՝ ո՛չ։ Երբ որ մեր ընկերը բոլորովին հեռացավ, եղեգը կրկին իջավ և սկսեց օրորվել առաջվա պես։ Գնաց երկրորդ ընկերս, նրա հետ ևս պատահեց նույնը, ինչ որ առաջինի հետ։ Վերջապես գնաց երրորդը ― նրա հետ էլ կրկրնվեց նույնը, ինչ որ առաջին երկուսի հետ։ Տեսնելով այդ՝ ես էլ կամեցա փորձել բախտս, և հենց որ կանգնեցի լուսամուտի տակին, եղեգը վայր ընկավ բանտի բակը, ուղղակի իմ ոտների մոտ։ Ես իսկույն բաց արի թաշկինակը։ Թաշկինակի մեկ ծայրը կշկռած էր։ Բաց արի, տեսնեմ՝ տասը սիանի՝ մանր ոսկեդրամ, ոսկու սակավ խառնուրդով, որ շրջանառության մեջ էր մավրերի մոտ և որ արժե տասը ռեալ։ Թե ինչքան ուրախացա գյուտիս համար՝ ասելն ավելորդ է։ Ուրախ ու զարմացած միտք էի անում՝ որտեղի՞ց կարող էր մեր գլխին նման նվեր ընկնել, այն էլ հատկապես ինձ համար, որովհետև քանի որ եղեգը ուրիշներին չէր գցված, այլ լոկ ինձ, պարզ ապացուցում էր, որ նկատի ունեին ոչ այլ ոքի, այլ ինձ։ Ես փողս թաքցրի, եղեգը կոտրեցի, վերադարձա կտուրը, նայեցի լուսամուտին և տեսա, որ մի ձյունթույր ձեռք երևաց, որ արագ մի քիչ բաց արեց վարագույրը և նորից ծածկեց։ Դրանից մենք հասկացանք ու ըմբռնեցինք, որ այդ բարեգործությունը մեզ կին է արել, որ ապրում է այդ տանը և մեր շնորհակալությունը հայտնած լինելու համար մենք նրան սալամ տվինք մավրերի ձևով, այսինքն՝ խոնարհեցինք գլուխներս, մեջքներս ծռեցինք և ձեռներս ծալեցինք կրծքերիս։ Պահ մի անց լուսամուտից մի եղեգնյա խաչ հոնեցին և իսկույն ներս առան։ Այդ նշանը մեզ ներշնչեց այն միտքը, թե այս տանը մի գերի քրիստոնյա կին է ապրում և նա է մեզ օգնություն հասցնում։ Սակայն շուտով մենք այդ ենթադրությունից հրաժարվեցինք, նկատելով, որ ձեռքը շա՜տ է ճերմակ և վրան շատ ապարանջաններ կան։ Ուստի մենք վճռեցինք, որ այդ կինը թեև քրիստոնյա է, բայց հավատափոխ է։ Մավրերը, այդ տեսակ կանանց տերերը, հաճախ առնում են նրանց ի կնության, այն էլ բախտ են համարում, որովհետև նրանց շա՜տ ավելի են գնահատում, քան թե իրենց ժողովրդի կանանց։
Մեր բոլոր ենթադրությունները շատ հեռու էին ճշմարտությունից։ Այդ օրվանից մեր բան ու գործը լուսամուտին նայելն էր, ինչպես նավի ղեկավարն է հյուսիս նայում և սպասում էինք, թե ե՞րբ կերևա մեզ ուղեցույց աստղ եղեգնը։ Սակայն անցավ երկու շաբաթ, և մենք այդ ընթացքում ո՛չ եղեգ տեսանք, ո՛չ ձեռք, ո՛չ էլ որևէ այլ նշան։ Եվ թեև մենք սաստիկ ուզում էինք իմանալ, թե ով է ապրում այդ տանը և չկա՞ արդյոք նրա մեջ հավատափոխ քրիստոնյա կին ― ոչ ոք բան չկարողացավ ասել մեզ։ Հայտնի էր միայն, որ այնտեղ մի շատ հարուստ և բարձրաստիճան մավր է ապրում, Հաջի Մորատո անունով, որ մի ժամանակ լա Պատայի[168] նահանգապետն էր եղել ― մի պաշտոն, որ մավրերը համարում են ամենապատվավորներից մեկը։ Եվ ահա, երբ որ մենք ամենից քիչ էինք սպասում, որ մեր վրա ոսկիների նոր անձրև կտեղա, հանկարծ նորից երևաց թաշկինակը ծայրից կապած եղեգը։ Թաշկինակի մի ծայրի վրա ավելի հաստ մի կշկիռ կար, քան առաջին անգամ։ Այդ պատահեց դարձյալ այն ժամին, երբ որ բանտում մեզնից բացի մարդ չկար։ Մենք կատարեցինք նույն փորձը, ինչ որ առաջ։ Առաջ, հերթով մոտեցան իմ երեք ընկերները, բայց եղեգը դարձյալ խուսափեց նրանցից և վայր ընկավ այն ժամանակ միայն, երբ որ ես մոտեցա։ Ես արձակեցի կշկիռն ու մեջը գտա քառասուն իսպանական ոսկի և մի արաբերեն գրած նամակ։ Նամակի վերջում մի մեծ խաչ էր գծած։ Ես համբուրեցի խաչը, թաքցրի ոսկիները, վերադարձա կտուրը, մենք դարձյալ սալամ տվինք, դարձյալ երևաց ձեռքը, ես նշան արի, թե նամակը մոտս է, և լուսամուտը փակվեց։ Մենք այդ անցքից զարմացած և ուրախացած էինք։ Մեզնից ոչ ոք արաբերեն չէր հասկանում, և մենք բոլորս սաստիկ փափագում էինք իմանալ, թե ինչ կա նամակում, սակայն գտնել մեկին, որ կարդար մեզ համար, շատ դժվար էր։ Վերջապես ես վճռեցի վստահել մի դավանափոխ՝ ծնված Մուրսիայում, որ հավատացնում էր, թե բարեկամ է ինձ և կապված ինձ հետ այնպիսի պարտավորություններով, որ չէր կարող, ինչպես թվում էր ինձ, չպահել նրան վստահված գաղտնիքը։ Բանն այն է, որ դավանափոխներից շատերը, մտադիր լինելով քրիստոնեական երկրներ վերադառնալու, վկայաթուղթ են վերցնում, ամենաականավոր գերիներց, որոնցով հաստատվում է, թե այսինչ դավանափոխը ազնիվ մարդ է, թե նա միշտ լավ է վերաբերվել դեպի քրիստոնյաները և մտադիր է առաջին իսկ պատեհ առիթին փախչելու։ Ոմանք այդ վկայականները բարի միտումներով են հանում, մյուսները՝ խորամանկությամբ և համենայն դեպս։ Պատահում է, որ քրիստոնեական երկիրներ թալանելիս նրանք շեղվում են ճամփից և գերի ընկնում և ահա, ներկայացնելով այդ թուղթը, նրանք ասում են, թե այդ փաստաթղթերից երևում է, թե ինչ նպատակներով են նրանք եկել, թե նրանք մտադիր են քրիստոնյաների մոտ մնալու և միմիայն այդ նպատակով են մասնակցել տաճիկների արշավանքին։ Այդ միջոցով նրանք զգուշանում էին առաջին հանդիպումի վտանգից, բարեհաջող կերպով հաշտվում եկեղեցու հետ, ապա թե, նպաստավոր դեպքում, նրանք վերադառնում էին Բերբերիա և շարունակում զբաղվել նրանով, ինչով որ առաջ։ Կան և այնպիսիները, որոնք այդ թղթերը հանում են և օգտագործում գովելի նպատակով՝ մնում են քրիստոնեական երկրներում։ Վերջիններիցն էր նաև իմ բարեկամը, և նա ուներ գրություններ գրեթե բոլոր մեր ընկերներից, լավագույն հանձնարարականներ։ Եթե մավրերը գտնելու լինեին այդ թղթերը՝ նրան ողջ֊ողջ կայրեին։ Ես գիտեի, որ նա շատ լավ տիրապետում է արաբերեն լեզվին և ոչ միայն խոսում է, այլև գրում արաբերեն։ Այնուամենայնիվ, նախքան նրան ամեն բան բաց անելը, ես պարզապես խնդրեցի նրանից, որ նա կարդա ինձ համար մի նամակ, որ ես, իբր թե, գտել եմ իմ խղճուկ սենյակի անկյունում։ Նա բաց արեց և բավական երկար զննում ու գիր էր կապում, ատամների արանքից ինչ֊որ մրթմրթալով։ Ես հարցրի՝ հասկանո՞ւմ է նա արդյոք, թե ինչ է գրած։ Նա պատասխանեց, թե շատ լավ հասկանում է և, եթե ես կամենամ, կթարգմանի բառ առ բառ, միայն թե ես պետք է բերեմ գրիչ ու թանաք, որովհետև գրավոր ավելի լավ կթարգմանի։ Մենք անհապաղ նրան տվինք և նա սկսեց թարգմանել և, ավարտելով գործն ասաց․
― Ահա արաբերեն գրածի բառացի թարգմանությունը իսպաներեն։ Նկատի առեք, որ «Լելա Մարիեն» ասածդ ամենուրեք նշանակում է՝ «տիրուհին մեր կույսն Մարիամ»։
― Ահա նամակի բովանդակությունը․
«Երբ որ ես մանուկ էի, իմ հայրը մի ստրկուհի ուներ, որ ինձ մեր լեզվով մի քանի քրիստոնեական զալա՛[169] սովորեցրեց և շատ բաներ պատմեց Լելա Մարիենից։ Այդ քրիստոնյա կինը մեռավ, և ես գիտեմ, որ նա գեհենի կրակը չգնաց, այլ Ալլահի մոտ, որովհետև հետագայում ես նրան երկու անգամ տեսա և նա ինձ հրամայեց, որ ես գնամ քրիստոնյաների երկիրը՝ Լելա Մարինեին տեսնելու համար, որը ինձ շատ սիրում է։ Ես չգիտեմ, թե ինչպես հասնեմ նրանց երկիրը։ Իմ լուսամուտից ես շատ քրիստոնյաներ եմ տեսել, բայց դու միակն ես, որ իմ աչքին արժանավոր ազնվական է երևում։ Ես աղջիկ եմ, շատ գեղեցիկ եմ և կարող եմ հետս շատ փող վերցնել։ Մտածի՛ր, չե՞ս կարող դու արդյոք այնպես սարքել, որ հետս գնաս, և այնտեղ, եթե կամենաս, դու իմ ամուսինը կդառնաս, իսկ եթե ոչ՝ փույթ չէ, Լելա Մաիրենը ինձ համար մի ուրիշ փեսացու կգտնի։ Ես այս գրեցի, իսկ դու կարդալ տուր միմիայն վստահելի մարդու և հավատ մի՛ ընծայիր մավրերին, որովհետև նրանք բոլորն էլ խաբեբա են։ Ես շատ անհանգիստ եմ և կկամենայի, որ դու ոչ ոքի չբացվես, որովհետև եթե իմ հայրն այդ իմանա, ինձ կգցի ջրհորի մեջ և վրաս քար կլցնի։ Ես եղեգի ծայրին թել կկապեմ, պատասխանը կապիր թելից, իսկ եթե արաբերեն գրելու համար մարդ չունենաս, ապա նշաններով հասկացրու ինձ՝ Լելա Մարիենը կօգնի, որ քեզ հասկանամ։ Թող նա և ալլահը և այս խաչը, որ ես շատ֊շատ համբուրում եմ, ինչպես ինձ խրատել է ստրկուհին, պահեն և պահպանեն քեզ»։
Ինքներդ դատեցեք, սինյորներ, թե ինչպե՜ս պիտի զարմացներ և ուրախացներ մեզ այդ նամակի բովանդակությունը։ Դժվար էր թաքցնել մեր ուրախությունը, և դավանափոխը կռահեց, որ նամակը պատահմամբ չէր գտնված, այլ, իրոք, գրված է մեզնից մեկն ու մեկի վրա։ Ուստի նա մեզնից խնդրեց, որ, եթե իր կռահումն արդարացի է, լիովին հավատ ընծայել իրեն և ամեն բան պատմել, որովհետև նա մեր ազատության համար պատրաստ է վտանգի ենթարկել իր կյանքը։ Այդ ասելու միջոցին նա ծոցից հանեց մի մետաղե խաչ և արցունքն աչքերին երդվեց վրայի պատկերով, որին այդ չարագործն ու մեղավորը ամուր ու անկեղծ հավատում էր, ― որ նա մեզ չի դավաճանի և կպահի գաղտնիքը, որ մենք նրան բաց կանենք։ Նա ենթադրում և գրեթե հավատացած էր, որ նամակը գրողի օգնությամբ մենք բոլորս ազատություն կստանանք, իսկ ինքը վերջապես կհասնի իր կետ նպատակին՝ վերադառնալ իր սուրբ մոր՝ եկեղեցու ծոցը, որից անգիտակցությամբ և մեղք գործելով նա կտրվեց և պոկվեց, ինչպես կտրում են մարմնի փտող անդամը։ Այդ ամենը նա ասում էր արտասվաթոր և այնպիսի անկեղծ զղջման ձև անելով, որ մենք բոլորս միաձայն վճռեցինք բաց անել նրան ողջ ճշմարտությունը և առանց ամենաչնչին բան թաքցնելու ամեն ինչ ասել նրան։ Մենք ցույց տվինք նրան լուսամուտը, որտեղից իջնում էր եղեգը և նա նիշեց այդ տունը և խոստացավ ամեն ջանք գործադրել, որպեսզի իմանա, թե ով է նրա մեջ ապրում։ Ապա թե մենք որոշեցինք, թե պետք է մավրուհու նամակին պատասխանել և, քանի որ հիմա մեր միջև կա արաբերեն իմացող մեկը, պատասխանը իսկույն ևեթ կազմեցինք։ Ես բառ առ բառ հիշում եմ դավանափոխին թելադրածիս բովանդակությունը, որովհետև այդ անցքի ոչ մի էական մանրամասնություն չի ջնջվել իմ հիշողությունից և, հավանական է, չի ջնջվի ցմահ։ Ահա թե ես ինչ պատասխանեցի․
«Ճշմարիտ ալլահը թող պահպանի քեզ, տիրուհիդ իմ, նրա հետ էլ օրհնյալ Մարիենը, տիրոջ ճշմարիտ մայրը, որը քո սրտի մեջ քրիստոնյաների երկիրը գնալու փափագ է դրել, որովհետև քեզ շատ է սիրում։ Աղոթիր, որ նա քեզ հասկացնի տեղ հասնելու միջոցները՝ նա այնքան բարի է, որ կանի։ Իմ կողմից ես հետս եղած բոլոր քրիստոնյաների անունից խոստանում եմ անել քեզ համար ամենը, ինչ որ մեր ուժը պատի, անգամ եթե հարկ լինի մեռնել քեզ համար։ Գրիր ինձ և հաղորդիր, թե ինչ ես մտադիր անելու, և ես քեզ իսկույն կպատասխանեմ, որովհետև մեծն Ալլահը մեզ մի գերի է ուղարկել, որ գիտե քո լեզվով խոսել և գրել, ինչպես որ դու կարող ես համոզվել այս նամակից։ Այսպիսով, դու աներկյուղ կարող ես հաղորդել մեզ, ինչ որ կամենաս։ Գալով քո խոսքերին, թե քրիստոնեական երկիրը հասնելուն պես կուզենայիր իմ կինը լինել, ապա խոստանում եմ այդ քեզ, իբրև բարի քրիստոնյա և, իմացած եղիր, որ քրիստոնյաները ավելի լավ են կատարում իրենց խոստումը, քան մավրերը։ Թող պահպանի քեզ Ալլահն ու Մարիենը, նրա մայրը»։
Նամակը գրելուց և ներփակելուց հետո ես երկու օր սպասեցի, մինչև որ բանյոն դատարկվեց, ապա թե կանգնեցի կտերը սովորական տեղում, սպասելով եղեգի երևալուն, որ և չհապաղեց երևան գալու։ Թեև ես չէի կարողանում նշմարել, թե ով է կանգնած վարագույրի ետևը, բայց, տեսնելով եղեգը, ես ցույց տվի նամակը, դրանով հասկանալ տալով, որ խնդրում եմ թելն իջեցներ։ Թելն արդեն կապած էր եղեգին, և ես նրանով կապեցի նամակը։ Պահ մի անց, մեր աստղ եղեգը դարձյալ երևաց, և նրա ծայրին թաշկինակ էր կապած՝ որպես խաղաղության ճերմակ դրոշ։ Վայր ընկավ թե չէ, ես բարձրացրի և թաշկինակի մեջ գտա ավելի քան հիսուն էսկուդո այլևայլ ոսկի և արծաթ դրամներով։ Դա հիսուն անգամ բազմապատկեց մեր ուրախությունն ու ամրապնդեց ազատվելու հույսը։ Նույն գիշերը վերադարձավ մեր դավանափոխը և ասաց մեզ, թե իր տեղեկությունների համեմատ այդ տանն, իրոք, ապրում է այն իսկ մավրը, Հաջի Մորատո անունով, որի մասին մեզ ասել էին, թե չափազանց հարուստ է և թե մի հատիկ աղջիկ ունի՝ իր ողջ կարողության ժառանգորդուհին։ Ողջ քաղաքը միաբերան հավատացնում է, որ նա բովանդակ Բերբերիայում ամենագեղեցիկ աղջիկն է։ Շատ փոխարքաներ եկել էին հարսնախոսության, բայց նա համառ կերպով հրաժարվել է մարդու գնալուց։ Դավանափոխն այլև իմացել էր, որ նա քրիստոնյա ստրկուհի է ունեցել, որը մի քանի տարի առաջ վախճանվել է։ Բոլոր այդ տեղեկությունները համապատասխանում էին մեր իմացածին նամակից։
Մենք խորհրդակցեցինք դավանափոխի հետ, թե ինչպես փախցնենք մավրուհուն և նրա հետ քրիստոնեական հողը փախչենք և, ի վերջո վճռեցինք սպասել Զորաիդայից երկրորդ լուրի։ Այդպես էր նրա անունը, որ այժմս կամենում է կոչվել Մարիամ։ Մեզ համար պարզ էր, որ միմիայն նա կարող է օգնել մեզ՝ գտնելու ելք մեր դժվարություններից և ուրիշ ոչ ոք։ Այստեղ էլ մենք կանգ առանք, և դավանափոխն սկսեց հավատացնել մեզ, որ ինքը պատրաստ է կործանվելու, միայն թե ազատի մեզ։ Չորս օր բանյոն լիքն էր մարդկանցով, այդ պատճառով էլ չորս օրվա ընթացքում եղեգը չէր երևում։ Վերջապես, երբ որ բանյոն դարձյալ դատարկվեց, եղեգը կրկին երևաց։
Այս անգամ կշկիռը այնքան հաստափոր էր, որ կարծես ավետում էր, թե շատ հաճելի կազատվի ծանրությունից։ Բացի նամակը ես գտա հարյուր էսկուդո ոսկեդրամ։ Դավանափոխը հետս էր։ Մենք քաշվեցինք մեր բնակարանն ու կարդալ տվինք նամակը, որ նա թարգմանեց այսպես․
Ես չգիտեմ, տեր իմ, ինչ անենք, որ փախչենք Իսպանիա, ազատվենք, Լելա Մարիենն էլ ինձ բան չասաց, թեև նրանից հարցրել եմ։ Բայց ահա թե ինչ կարող ենք անել՝ ես լուսամուտից կհանձնեմ ձեզ շատ֊շատ ոսկի, իսկ դուք վճարեցեք ձեզ և ձեր բարեկամների համար փրկանք և ազատվեցեք։ Թող ձեզնից մեկն ու մեկը գնա քրիստոնեական երկիրը, գնի այնտեղ մի թեթև նավ և վերադառնա մնացյալների ետևից։[170] Իսկ ինձ դուք կգտնեք քաղաքից դուրս, Բաբոզոնյան դարպասի մոտ՝ հորս տանը, որ հեռու չէ ծովափից։ Այնտեղ եմ անցկացնելու ամառը հորս և ծառաներիս հետ։ Այնտեղից դուք հեշտությամբ կարող եք փախցնել ինձ և նավով հետներդ տանել։ Չմոռանաս, որ դու պիտի ամուսնանաս ինձ հետ, իսկ եթե չանես այդ, ես կխնդրեմ Մարիենից, որ քեզ պատժի։ Եթե նավի գնումը դու ոչ ոքի չես կարող վստահել, ապա փրկանք տուր և ազատվիր և ինքդ գնա։ Ես գիտեմ որ դու կվերադառնաս ավելի հաստատ, քան որևէ ուրիշը, որովհետև դու ազնվական և քրիստոնյա ես։ Աշխատիր մեր այգու տեղն իմանալ։ Երբ որ դու բակում անց ու դարձ անելու լինես, ես գլխի կընկնեմ, որ ուրեմն բանյոյում մարդ չկա և քեզ շատ փող կտամ։ Թող ալլահը պահպանի քեզ, տեր իմ»։
Ահա թե ինչն էր բովանդակությունն ու ինչպես էր հնչում երկրորդ նամակը։ Հենց որ ընկերներս ծանոթացան, ամեն մեկն սկսեց թախանձել, որ իրեն ազատենք՝ խոսատանալով գնալ և ճիշտ ժամանակին վերադառնալ։ Նույնն առաջարկեցի նաև ես։ Սակայն դավանափոխը հակառակեց, ասելով թե ոչ մի դեպքում թույլ չի տա, որ մեկն ու մեկը մյուսներից առաջ ազատվի, թե նա փորձով գիտե, որ ազատվողները վատ են կատարում գերության մեջ տված խոստումները։ Քանի՜֊քանի՜ անգամ ազնվական գերիները դիմել են այդ միջոցին՝ ազատելով մեկին և նրան փող տալով ուղարկել են Վալենսիա կամ Մայորկա, որպեսզի նա այնտեղ նավակ դրստի և նրանով գա մնացյալների ետևից, և գնացածները երբեք չեն վերադարձել, որովհետև ազատություն ձեռք բերելու ուրախությունը և կրկին կորցնելու երկյուղը ստիպում են նրանց մոռացության տալ աշխարհիս բոլոր պարտականությունները։ Եվ, ի հաստատություն իր խոսքերի, նա կարճառոտ պատմեց մեզ մի դեպք, որ շատ նոր էր պատահել մի քրիստոնյա կաբալյերոյի։ Եվ թեև այդ երկրում ամեն քայլափոխում պատահում են սարսափելի և զարմանալի անցք ու դեպքեր, այնուհանդերձ այստեղ էլ այդ դեպքը արտասովոր թվաց։[171] Ի վերջո նա ասաց, որ կարելի և կարևոր է անել հետևյալը՝ մեզնից մեկն ու մեկի համար հատկացված փրկանքը տանք իրեն, հենց այստեղ, Ալժիրում նավակ գնելու համար, իբրև թե Տետուանի և բոլոր առափնյա վայրերի հետ առևտուր անելու նպատակով։ Լինելով այդ նավակի տերը՝ նա հեշտությամբ կարող է մեզ բոլորիս դուրս բերել բանտից և նստեցնել մեջը։ Մանավանդ, եթե մավրուհին իր խոսքի տեր լինի և փող տա, որ բոլորիս ազատի։ Դուրս գալով բանտից մենք կարող կլինենք նավակ նստել՝ անգամ օրը ցերեկով։ Դժվարությունն այն է, որ մավրերը թույլ չեն տալիս դավանափոխներին ո՛չ գնել, ո՛չ էլ ունենալ որևէ նավ, բացի մեծ նավերից, որովհետև նրանք երկյուղ են կրում, որ նավակ ձեռք բերողը, մանավանդ եթե իսպանացի է, մտքումը դրած կլինի քրիստոնեական երկիր փախչելու։ Սակայն դավանափոխը հույս ուներ այդ դժվարությունն էլ հաղթահարելու՝ մի մավր֊տագարինի[172] հետ կիսով գնելով և տալով նրան առևտրական շահի կեսը։ Այդ պատրվակով նա կդառնա նավի տերը, ապա թե ամեն ինչ ինքն իրեն կընթանա։
Ինձ և իմ ընկերներին ավելի խոհեմ էր թվում մեկն ու մեկին Մայորկա ուղարկել նավակ գնելու համար, ինչպես մավրուհին էր խորհուրդ տալիս, սակայն մենք սիրտ չարինք հակառակել դավանափոխին, վախենալով, որ եթե մենք նրա ցանկությունը կատարելու չլինենք, նա մեզ կմատնի և բաց կանի մեր համաձայնությունը Զորաիդայի հետ։ Այն ժամանակ մենք էլ կկործանվենք և կկործանենք նրան, որի համար պատրաստ ենք մեռնելու։ Այսպիսով, մենք վճռեցինք ապավինել Աստծուն ու դավանափոխին։ Իսկույն ևեթ մենք հաղորդեցինք Զորաիդային, որ կկատարենք նրա բոլոր պատվիրանները, որովհետև այնքան բանական են նրանք, որ թվում է, թե ինքը Լելա Մաիենն է ներշնչել և նրանից է կախված՝ հետաձգե՞լ այդ գործը, թե՞ անհապաղ ձեռնամուխ լինել։ Ի վերջո ես կրկին առաջարկեցի նրան իմ կինը դառնալ։ Եվ ահա, հետևյալ օրը, երբ որ բանյոն պատահաբար դարձյալ դատարկ էր, նա մի քանի նվագ եղեգի և թաշկինակի օգնությամբ մեզ հանձնեց երկու հազար ոսկի էսկուդո, հետն էլ նամակ, որի մեջ ասված էր, որ առաջիկա Ջումա օրը, այսինքն՝ ուրբաթ, նա տեղափոխվում է հոր տունը՝ քաղաքից դուրս և որ մինչև գնալը նա մեզ էլի փող կտա, իսկ եթե այդ գումարները հերիք չտան, բավական է, որ մենք իրեն իմաց անենք և նա մեզ համար կճարի՝ որքան մենք կամենանք, որովհետև նրա հայրը այնքան շատ փող ունի, որ կորուստը չի էլ նկատի, մանավանդ, որ բոլոր բանալիները իր ձեռքին են։
Մենք իսկույն տվինք դավանափոխին հինգ հարյուր էսկուդո, որ նավակ առնի։ Ութ հարյուր ես հանձնեցի մի վալենսիացի վաճառականի, որ այն միջոցում Ալժիրում էր, և նա ազատեց ինձ, խոստանալով թագավորին փրկանքը վճարել, հենց որ նավ գա Վալենսիայից։ Միանգամից վճարել նա սիրտ չարեց, որովհետև թագավորը կարող էր կասկածել, որ իմ փրկանքը վաղուց հետև իր մոտ պահված է եղել և նա լռել է այդ մասին՝ կամենալով շահվել դրանից։ Մի խոսքով, իմ տերն այնքան կասկածկոտ էր, որ ես ոչ մի դեպքում չէի կարող փրկանքը վճարել նրան անմիջապես։ Ուրբաթ օրը Զորաիդան պետք է գնար քաղաքից դուրս գտնվող տունը, իսկ հինգշաբթի նա մեզ մեկ հազար էսկուդո ևս հանձնեց և հաղորդեց իր մեկնելու մասին, խնդրելով, որ ես ծանոթանամ այն տան տեղադրությանը, հենց որ փրկանքը մուծեմ և հնար գտնեմ նրա հետ տեսակցելու։ Ես նրան կարճ պատասխանեցի, որ նրա ցանկությունը կկատարեմ և խնդրում եմ դիմել Լելա Մարիենին այն բոլոր աղոթքներով, որ նրան սովորեցրել է ստրկուհին։ Այնուհետև ես փրկանք վճարել տվի մեր բոլոր երեք ընկերների համար, որպեսզի բանյոյից մեր դուրս գալը դյուրանա և որպեսզի նրանք չհուզվեն։ Որովհետև, տեսնելով, որ ինձ համար փրկանքը վճարված է, իսկ նրանց համար ոչ, թեև փողը դրա համար բավական էր, ― նրանք կարող էին ենթարկվել դիվային գայթակղության և որևէ կերպ վնասել Զորաիդային։ Ճիշտ է, ես նրանց շատ լավ էի ճանաչում, որպեսզի երկյուղ կրեի դրանից, այնուհանդեձ ես չէի կամենում վտանգի ենթարկել մեր գործը։ Ուստի ես նրանց համար փրկանքը մուծեցի նույն ձևով, ինչ որ ինձ համար։ Փողը հանձնեցի վաճառականին, որ կատարյալ վստահությամբ և միանգամայն անվատանգ երաշխավորվեց։ Սակայն մենք մեր գաղտնի ծրագիրը բաց չարինք նրան, որովհետև այդ վտանգավոր էինք համարում։
Գլուխ XLI
Գերու պատմության շարունակությունը
Տանհինգ օր չանցած մեր դավանափոխն արդեն երեսուն մարդ տանող նավակ ուներ։ Եվ ամեն կասկած փարատելու համար նա վճռեց ճամփա ելնել Սարջել կոչվող նավահանգիստը, Ալժիրից քսան մղոն հեռու, Օրանի ուղղությամբ, որտեղ չոր թզի խոշոր առուտուր տեղի ուներ։ Այդ ճամփորդությունը նա արեց երկու թե երեք անգամ, արդեն հիշատակածս տագարինի ուղեկցությամբ։ Բերբերիայում այդպես են կոչում Արագոնի մավրերին, իսկ Գրանադայի մավրերին մուդեխար են ասում։ Ֆեսի թագավորության մեջ մուդեխարներին էլշ են ավանում, և այդ երկրի թագավորը նրանցից է կազմում իր զորքը։ Սարջենի ճամփին դավանափոխը ամեն անգամ խարիսխ էր գցում մի փոքրիկ ծովածոցում, որ արբալետի երկու զարկի հեռավորության վրա էր այն տնից, որտեղ մեզ սպասում էր Զորադիան։ Եվ այնտեղ իր թիավարող֊մավրերի հետ նա ասես թե պատահաբար կատարում էր իր զալան կամ թե չէ կատակով անում էր այն, ինչ որ հետագայում մտադիր էր իրոք անելու, այսինքն՝ գնում էր Զորաիդայի պարտեզը և պտուղ էր խնդրում, և նրա հայրը, թեև նրան չէր ճանաչում, այնուհանդերձ չէր մերժում նրան։ Հետագայում նա ինձ հայտնեց, որ փորձել է տեսնել Զորաիդային և ասել նրան, որ ես պատվիրել եմ իրեն նրան քրիստոնեական երկիր տանելու և որ նա անհոգ լինի։ Սակայն նրան ոչ մի անգամ չի հաջողվել հանդիպել Զորաիդային, որովհետև մավրուհիները երևան չեն գալիս ո՛չ տաճիկներին, ո՛չ էլ մավրերին, բացառությամբ միայն հոր կամ ամուսնու հրամանով (իսկ քրիստոնյա գերիների հետ նրանք հանդիպում ու զրուցում են նույնիսկ ավելի, քան հարկն է)։ Ինձ համար տհաճ կլիներ, եթե նրան հաջողեր խոսակցել Զորաիդայի հետ, որովհետև Զորաիդան, տեսնելով, որ իր գործը վստահել եմ դավանափոխի, կարող էր անհանգիստ լինել։ Սակայն տերը, որ այլ կերպ էր տնօրինել, թույլ չտվեց, որ դավանափոխի բարի ցանկությունը բավարարվի։ Վերջինս, համոզվելով, որ միանգամայն ապահով կարող է գնալ֊գալ Սարջել, խարիսխ գցել, որտեղ կամենա, որ իր ընկերը, մավր֊տագարինը ամբողջապես ենթարկվում է իր կամքին, որ ես արդեն ազատված եմ և մնում է միայն գտնել մի քանի քրիստոնյա֊թիավարներ, խնդրեց, որ ես գերիներից ընտրեմ մի քանիսին, որոնց կկամենայի հետս տանել, բացի արդեն ազատված երեք ընկերներիցս և պայմանավորվել նրանց հետ, որպեսզի նրանք առաջիկա ուրբաթ օրը պատրաստ լինեն, քանի որ մեր մեկնումը նշանակված էր այդ օրը։ Ես համաձայնության եկա տասներկու իսպանացիների հետ, շատ լավ թիավարողների, որ բոլորն էլ կարող էին ազատ կերպով քաղաքից դուրս գալ։ Այդքան մարդ գտնելը մեծ հաջողություն էր, որովհետև արդեն քսան նավ նավագնացության մեջ էին և տարել էին բոլոր ազատ թիավարներին։ Ես այդ իսպանացիներին էլ չէի գտնի, եթե նրանց տերը ամառը մնացած չլիներ ափին՝ թիանավի կառուցումն ավարտելու նպատակով։ Ես նրանց կարճառոտ կարգադրեցի, որ առաջիկա ուրբաթ օրը թաքուն և մեկ֊մեկ դուրս գան քաղաքից Հաջի Մորատոյի տունը գնան և սպասեն այնտեղ իմ գալստյան։ Այս հրամանը ես տվի ամեն մեկին առանձին և ավելացրի, որ եթե նրանք այնտեղ ուրիշ քրիստոնյաների հանդիպելու լինե, ապա թող նրանց միայն ասեն, թե ես կարգադրել եմ, որ այդտեղ սպասեն ինձ։
Ավարտելով այդ գործը՝ ես ձեռնամուխ եղա իմ սրտին ավելի մոտ մի գործի՝ պետք էր հայտնել Զորաիդային, թե ինչ վիճակի մեջ է մեր գործը, որպեսզի նախազգուշացնեմ և տեղյակ պահեմ նրան, որ մեր հանկարծակի հարձակումից չվախենա, որովհետև նա չէր կարող ենթադրել, որ նավը այդքան շուտ կգա քրիստոնեական երկրներից։ Այսպիսով, ես վճռեցի գնալ նրա մոտ պարտեզը և փորձել տեսակցել նրա հետ։ Եվ ահա, իմ մեկնելու նախօրյակին, ես գնացի այնտեղ, իբրև թե նրա համար, որ կանաչի հավաքեմ։ Առաջին մարդը, որին ես հանդիպեցի, Զորաիդայի հայրն էր։ Նա հետս խոսեց այն լեզվով, որով ողջ Բերբերիայում և անգամ Կոստանդնուպոլսում բացատրվում են իրար հետ մավրերը և գերիները։ Այդ լեզուն ո՛չ մավրական է, ո՛չ իսպանական, ոչ էլ այլ լեզվի բարբառ, այլ պարզապես բոլոր լեզուների խառնուրդ, բայց և այնպես մենք իրար շատ լավ հասկանում ենք։ Ահա այդ լեզվով նա հարցրեց, թե ո՞վ եմ ես և ի՞նչ եմ որոնում պարտեզում։ Ես պատասխանեցի, թե ես առնաուտ Մամիի գերին եմ[173] (այդպես ասացի, որովհետև իմ ստույգ տեղեկությունների համեմատ առնաուտ Մամին նրա մոտ բարեկամն էր) և ավելացրի, որ զանազան կանաչեղեն եմ որոնում սալաթ պատրաստելու համար։ Նա հարցրեց ինձնից, կարելի՞ է արդյոք փրկանք վճարելով ազատել ինձ, թե՞ ոչ և ինչքան է ինձ համար պահանջում տերս։ Մինչդեռ նա հարց ու փորձ էր անում, իսկ ես նրան պատասխանում, տնից պարտեզ ելավ չքնաղ Զորաիդան, որ վաղուց արդեն նկատել էր ինձ։ Եվ որովհետև մավրուհիները, ինչպես արդեն ասացի, բոլորովին չեն քաշվում և չեն խուսափում քրիստոնյաներից, ապա նա առանց քաշվելու, մոտեցավ հորը, որ հետս խոսում էր։ Ավելին՝ հենց որ Հաջի Մորատոն տեսավ, որ նա դանդաղ դիմում է դեպի մեզ, ինքը կանչեց և ասաց, որ շտապի մոտ գա։
Անհնար կլիներ նկարագրել իմ սիրեցյալ Զորաիդայի արտասովոր գեղեցկությունն ու գրվաչությունը, նրա արդուզարդի շքեղությունն ու նրբությունը։ Կասեմ միայն, որ նրա ծամերի մեջ այնքան մազ չկար, որքան մարգարիտ կար նրա չքնաղ կրծքին, ականջներին ու գլխին։ Նրա, ըստ տեղական սովորության, ոտների մերկ կոճերին հագցրած էին երկու կարկաջի (այսպես են կոչվում մավրերի լեզվով օղերը կամ ապարանջանները, որ կրում են ոտներին) զուտ ոսկուց, մարգարտակուռ։ Ինչպես հետագայում նա ինձ ասաց, նրա հայրը գնահատում էր այդ մարգարիտները տասը հազար դուբլոն։[174] Ասենք՝ նրա ձեռների ապարանջաններն էլ պակաս չարժեին։ Վրան էլ շատ շքեղ մարգարիտ կար, որովհետև մավրերի կանայք խոշոր ու մանր թանկագին մարգարիտները համարում են ամենաշքեղ զարդը։ Այդ պատճառով մավրերն ավելի մարգարիտ ունեն, քան բոլոր մնացյալ ազգերը։ Զորաիդայի հոր մասին լուր էր պտտում, որ նա ոչ միայն ողջ Ալժիրում ամենալավ մարգարիտի մեծագույն քանակի տերն է, այլև երկու հազար իսպանական էսկուդոյի և այդ ամենի տերն նա էր, որ հիմա դառել է իմ ամուսինը։ Եթե բոլոր կրած աղետներից հետո նա մնացել է այնպես, ինչպես դուք նրան տեսնում եք, ինքներդ, սինյորներ, դատեցեք, թե ինչ տեսք պիտի ունենար նա փարթամ արդուզարդով իր բարեկեցության ժամանակ։ Հայտնի է, որ կանանցից շատերի գեղեցկությունը փոխվում է ժամանակի և պարագաների ազդեցությունից, ավելանում կամ պակասում։ Եվ միանգամայն բնական է, որ հոգեկան կրքերը մերթ վեհացնում, մերթ ստորացնում, իսկ ավելի հաճախ կործանում են։ Մի խոսքով՝ այն վայրկյանին նրա գեղեցկությունն էլ, արդուզարդն էլ հասնում էին կատարելության սահմանին, գոնե ես մինչ այդ ավելի չքնաղ բան դեռ չէի տեսել և, հիշելով, թե որքան շատ եմ ես պարտական նրան, վճռեցի, որ դա դիցուհի է՝ երկնքից երկիր իջաց, որպեսզի փրկի և երջանկացնի ինձ։
Երբ որ նա մոտ եկավ, հայրը բացատրեց նրան՝ նրանց լեզվով, որ ես իր բարեկամի առնաուտ Մամիի գերին եմ և եկել եմ սալաթի համար բանջարեղեն քաղելու։ Նա խոսեց այն խառը լեզվով, որ ես արդեն հիշատակեցի և հարցրեց ինձնից՝ ազնվակա՞ն եմ ես արդյոք և ինչու ես դեռ փրկանք չեմ վճարել, որ ազատվեմ։ Ես պատասխանեցի նրան, որ ես արդեն ազատ եմ և իմ փրկանքի չափից դժվար չէ եզրակացնել, թե որքան բարձր է գնահատելիս եղել ինձ իմ տերը՝ ես հարկադրված եմ եղել հազար հինգ հարյուր սոլտանի[175] վճարելու։ Նա ասաց․
― Եթե դու իմ հորը պատկանելիս լինեիր, ես թույլ չէի տա, որ նա քեզ ծախեր անգամ երկուտակ մեծ գումարով, որովհետև ձեր՝ քրիստոնյաներիդ բոլոր ասածները սուտ են, դուք աղքատներ եք ձևանում, որ խաբեք մավրերին։
― Գուցե և այդպես է, տիրուհի, ― պատասխանեցի ես, ― բայց ես իմ տիրոջ հետ խճմտանքով վարվեցի, այդպես եմ վարվում և այդպես էլ վարվելու եմ յուրաքանչյուր ոքի հետ։
― Իսկ դու ե՞րբ ես մեկնում, ― հարցրեց Զորաիդան։
― Հույս ունեմ՝ վաղը, ― պատասխանեցի ես, ― որովհետև նավահանգիստում ֆրանսիական նավ կա, որ վաղը խարիսխը կհանի, և ես մտադիր եմ նրանով գնալ։
― Ավելի լավ չէ՞ր լինի միթե, ― առարկեց Զորաիդան, ― սպասել, որ Իսպանիայից նավ գա և նրանով էլ գնալ, քան թե մեկնել ֆրանսիացիների հետ, որոնք քեզ բարեկամ չեն։
― Ոչ, ― պատասխանեցի ես, ― եթե հաստատվելու լիներ այն լուրը, որ շուտով Իսպանիայից նավ կգա, ապա ես, իհարկե, կսպասեի, բայց և այնպես, հավանական է, որ ես վաղը կգնամ, որովհետև հայրենիքիս և սրտիս մոտ մարդկանց տեսնելու ցանկությունն իմ մեջ այնքան ուժեղ է, որ եթե գնալու ուրիշ՝ ավելի հարմար առիթն ուշանա, ես այլևս չեմ սպասի։
― Դու, ըստ երևույթին, հայրենիքում կին ես թողել, ― ասաց Զորաիդան, ― և շտապում ես գնալ, որ տեսնես նրան։
― Ոչ, ― պատասխանեցի ես, ― կին չեմ թողել, բայց ամուսնանալու խոսք եմ տվել, հենց որ հայրենիք վերադառնամ։
― Իսկ գեղեցի՞կ է նա, որին դու խոսք ես տվել, ― հարցրեց Զորաիդան։
― Այնքան գեղեցիկ, ― պատասխանեցի ես, ― որ ավելի մեծ գովասանք ես չեմ գտնի, քան եթե ասեմ, որ նա, ճշմարիտ, շատ նման է քեզ։
Լսելով այդ՝ Զորաիդայի հայրը բարձր ծիծաղեց և ասաց․
― Երդվում եմ ալլահով, քրիստոնյա՛, քո նշանածն իրոք գեղեցիկ է, եթե նման է իմ աղջկան։ Զորաիդան մեր թագավորության գեղագույն աղջիկն է։ Թե չես հավատում, ապա նայի՛ր նրան և դու կտեսնես, որ ես ճիշտ եմ ասում։
Գրեթե ողջ խոսակցության ընթացքում Զորաիդայի հայրը մեր միջև թարգման էր հանդիսանում, որովհետև ավելի հմուտ էր լեզուներին։ Իրավ, թեև աղջիկը կոտրատում էր լեզուն, որ, ինչպես ես արդեն ասացի, գործածական էր այդ երկրներում, դարձյալ ավելի նշաններով էր բացատրվում, քան բառերով։ Այսպես մենք դեսից֊դենից զրույց էինք անում, հանկարծ ներս վազեց մի մավր և ճչաց, թե պարտեզի պատերից ներս են մտել չորս տաճիկներ, որ քաղում են խակ֊խակ պտուղները։ Ծերունին էլ, Զորաիդան էլ խիստ հուզվեցին, որովհետև բոլոր մավրերը սովորաբար և բնակաբար երկյուղ են կրում տաճիկներից, մանավանդ, զինվորներից, որոնք այնքան հանդուգն են և այնքան մեծ իշխանություն ունեն իրենց հպատակ մավրերի վրա, որ նրանց հետ ավելի վատ են վարվում, քան իրենց ստրուկների հետ։ Ուստի հայրն ասաց Զորաիդային․
― Աղջիկս, գնա տուն և մի լավ փակվիր, իսկ ես գնամ խոսեմ այդ շների հետ։ Իսկ դու՛, կանաչիդ քաղիր֊պրծիր և գնա բարով, և թող Ալլահը օգնի քեզ բարեհաջող հայրենիք վերադառնաս։
Ես գլուխ տվի նրան, և նա գնաց տաճիկների մոտ՝ թողնելով ինձ ու Զորաիդային մենակ։ Զորաիդան տուն դառնալու ձև արեց, ինչպես կարգադրված էր նրան, սակայն հենց որ նրա հայրը աներևութացավ պարտեզի ծառերի ետևում, ետ դարձավ ինձ մոտ և արտասվաթոր աքչերով ասաց ինձ․
― Տա՞մշիշի, կրիստիանո, տա՞մշիշի, ― որ կնշանակի՝ գնո՞ւմ ես, քրիստոնյա, գնո՞ւմ։
Ես նրան պատասխանեցի․
Այո՛, տիրուհի, բայց առանց քեզ՝ ո՛չ երբեք։ Առաջիկա ջումա օրն սպասիր ինձ և մի վախենա, երբ մեզ տեսնես։ Մենք անպատճառ կմեկնենք քրիստոնեական երկրներ։
Ես ամեն ինչ բացատրեցի նրան այնպես, որ նա խոսքս հասկացավ։ Ապա թե մի ձեռքով փաթաթվեց վզիս և հենվելով ինձ վրա, դողդոջ քայլերով դիմեց դեպի տուն։ Մեզ համար դա կարող էր շատ վատ վերջանալ, եթե բախտը չհաճեր այլ կերպ տնօրինել։ Որովհետև երբ որ մենք գնում էինք գրկախառնված, ինչպես ես նոր ասացի, Զորաիդայի հայրը, քշելով տաճիկներին, ետ եկավ և տեսավ, որ նա ձեռքը փաթաթել է պարանոցիս։ Ասենք մենք էլ տեսանք, որ նա մեզ տեսնում է։ Սակայն հնարագետ և խելացի Զորաիդան ձեռքը չքաշեց, այլ ընդհակառակը՝ ավելի հպեց ինձ, գլուխը դրեց կրծքիս և մի քիչ խոնարհեց ծնկները, կարծես թե պարզապես ցուցադրելով, որ քիչ է մնում ուշագնաց լինի, իսկ ես, ասես թե ակամա նրան նեցուկ լինելու ձև արի։ Հայրը մոտ վազեց և, տեսնելով աղջկա վիճակը, հարցրեց, ի՞նչ եղավ նրան և, պատասխան չստանալով, ասաց․
― Դե, իհարկե, նա վախեցավ այդ շների ներխուժումից, և ուշքը գնացել է։
Ապա թե վերցնելով իմ ձեռքերից՝ նրա գլուխը դրեց իր կրծքին, իսկ աղջիկը, բանալով իր արտասվալից աչքերը, ասաց ինձ․
― Ա՛մեշի, կրիստիանո, ա՛մեշի՝ գնա՛, քրիստոնյա, գնա՛։
Հայրը դրան պատասխանեց․
― Քրիստոնյան ինչո՞ւ գնա։ Չէ՞ որ նա քեզ վատ բան չի արել, իսկ տաճիկները արդեն կորան֊գնացին։ Մի՛ վախենա, քեզ ոչ ոք չի վիրավորի։ Ասում եմ քեզ, որ տաճիկներն իմ խնդրանոք գնացին, որտեղից որ եկել էին։
― Հենց նրա՛նք վախեցրին ձեր աղջկան, սինյոր, ― ասացի ես Զորաիդայի հորը։ ― Բայց քանի որ նա հրամայում է ինձ գնալ, ես չեմ ուզում նրան նեղացրած լինեմ։ Աստված ձեզ հետ, իսկ ես, եթե դուք թույլ տաք, կգամ մեկ էլ, երբ որ սալաթի համար կանաչեղեն հարկավոր գա, որովհետև իմ տերն ասում է, թե ոչ մի պարտեզում ավելի լավ կանաչի չկա, քան ձերում։
― Կարող ես գալ, երբ որ քեֆդ տա, ― ասաց Հաջի Մորատոն, ― որովհետև աղջիկս այդ նրա համար չասաց, որ դու կամ մի այլ քրիստոնյա նրան անհաճո եք։ Նա տաճիկներին է կամեցել ասել՝ «գնացեք», իսկ ասաց քեզ։ Գուցե թե կամեցել է ասած լինել քեզ՝ ժամանակն է գնաս, կանաչի հավաքես։
Այստեղ ես նրանց հրաժեշտ տվի։ Զորաիդան, որ ըստ երևույթին, սրտակտուր էր լինում, հետևեց հորը, իսկ ես կանաչի հավաքելու պատրվակով խնամքով և ուզածիս չափ պտտեցի ողջ պարտեզը, մի լավ նայեցի բոլոր մուտք ու ելքերը, տան բոլոր փականքները և ուսումնասիրեցի բոլոր մանրամասները, որ կարևոր էին մեր գործի հաջողության համար։ Այդ անելուց հետո ես գնացի դավանափոխի և ընկերներիս մոտ և հաղորդեցի նրանց պատահածի մասին։ Անհամբեր սպասում էի այն րոպեին, երբ ինձ թույլատրած կլինի անարգել վայելել երջանկությունս, որ ի դեմս չքնաղ Զորաիդայի, առաքել էր ինձ կյանքը։ Վերջապես հասավ ժամանակը և այնքան երկար սպասած օրն ու ժամկետը։ Գործելով համաձայն ծրագրի, որ մենք մշակել էինք երկար մտորումներից և խուրհրդածություններից հետո, մենք հեշտությամբ հասանք ցանկալի հաջողության։ Զորիադայի հետ պարտեզում ունեցածս տեսակցության հետևյալ օրը, այն է՝ ուրբաթ, դավանափոխը, հենց որ մութն ընկավ, խարիսխ գցեց չքնաղ Զորիադայի տան դեմ։
Քրիստոնյաները, որ պիտի մեր նավակը թիավարեին, արդեն նախազգուշացված էին և թաքնվել էին զանազան տեղերում՝ տնից ոչ հեռու։ Նրանք անհամբեր ու տագնապալից սպասում էին ինձ, պատրաստ հարձակվելու հենց իրենց աչքի առջև կանգ առած նավի վրա, որովհետև իմ ու դավանափոխի պայմանադրման մասին բան չգիտեին և ենթադրում էին, թե պիտի սեփական ձեռքերի ուժով նվաճեն ազատություն և կոտորեն նավի վրա եղած բոլոր մավրերին։ Հենց որ ես ընկերներիս հետ երևան եկա, թաքստյան մեջ բոլոր նստածները, տեսնելով մեզ, ընդառաջ վազեցին։ Քաղաքի դարպասների կապելու ժամն էր, և ողջ ծովափին մարդ չէր երևում։ Հավաքվելով մեկտեղ՝ մենք չէինք կարողանում որոշել՝ առաջ Զորաիդայի ետևի՞ց գնանք, թե՞ նավակի թիավար մավր֊բագարիններին[176] բռնոտենք։ Մինչդեռ մենք տատանվում էինք, հասավ դավանափոխը և հարցրեց, թե ինչու ենք մենք հապաղում, չէ՞ որ պետք է գործի անցնել, մավր թիավարները միամիտ քնած են։ Մենք հաղորդեցինք նրան մեր տարակուսանքները, և նա պատասխանեց, որ ամենագլխավորը նավի գրավումն է, մի բան, որ կարելի է կատարել ամենայն հեշտությամբ և առանց որևէ վտանգի, իսկ հետո արդեն պետք է գնալ Զորաիդայի ետևից։ Մենք բոլորս հավանություն տվինք նրա որոշմանը և առանց հապաղելու նրա առաջնորդությամբ շարժվեցինք դեպի նավը։ Առաջինը նա թռավ նավի վրա և քաշելով իր կեռ խանչալը, արաբերեն գոչեց․
― Ով որ ձեզնից տեղից շարժվի, կվճարի իր կյանքը։
Նույն միջոցին բոլոր քրիստոնյաներն արդեն տախտակամածի վրա էին։ Երկչոտ մավրերը, լսելով իրենց արրաեսի[177] նման խոսքերը, վախեցան և առանց զենքի դիմելու, ասենք՝ գրեթե զենք չունեին էլ, լռելյայն թույլ տվին, որ քրիստոնյաները կապկպեն նրանց ձեռները։ Քրիստոնյաները արագ֊արագ արին այդ, սպառնալով անխտիր բոլորին կոտորել, եթե մեկն ու մեկը ճչալու լինի։ Այս գործն ավարտելուց հետո մերոնցից կեսը մնաց՝ որպես պահակ կապկպածների մոտ, իսկ մնացյալները դավանափոխի գլխավորությամբ ուղևորվեցին Հաջի Մորոտայի պարտեզը և, հենց որ մենք ուզեցինք դարպասը ջարդել, դարպասը բաց եղավ այնպես հեշտ, կարծես երջանիկ դիպվածով իսկի փակված էլ չէր եղել։ Ապա լուռ ու մունջ մենք մոտեցանք տանը, այնպես, որ ոչ ոք չլսեց։
Չքնաղ Զորաիդան մեզ սպասում էր՝ լուսամուտի առջև կանգնած և, լսելով մեր քայլերը, կամացուկ ձայնով հարցրեց՝ հո նիզարանի[178] չե՞նք, այսինքն՝ ասում ու հարցնում էր՝ քրիստոնյա հո չե՞նք։ Ես նրան պատասխանեցի՝ այո՛ և խնդրեցի, որ իջնի ներքև։ Ճանաչելով ինձ՝ նա, ոչ մի րոպե չտատանվելով և ոչ մի խոսք չարտասանելով, իսկույն ցած իջավ, բաց արեց դուռը և ներկայացավ մեզ գեղեցկության և փարթամ զուգսերի այնպիսի փայլով, որ անկարելի է նկարագրել։ Նրան տեսնելուն պես ես բռնեցի նրա ձեռքը և սկսեցի համբուրել։ Դավանափոխն ու իմ երկու ընկերներն արին նույնը, ասենք՝ մնացյալներն էլ հետևեցին մեր օրինակին, որովհետև, թեև նրանք չգիտեին բանի էությունը, բայց նրանց համար պարզ էր, որ մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ազատագրման համար և ճանաչում նրան՝ որպես մեր տիրուհուն։ Դավանափոխը հարցրեց Զորաիդայից արաբերեն՝ տա՞նն է արդյոք նրա հայրը։ Նա պատասխանեց, թե տանն է և քնած է։
― Ի՜նչ արած, պետք կլինի նրան արթնացնել և հետներս տանել, ― ասաց դավանափոխը, ― վերցնելով մեզ հետ այն ամեն արժեքավոր բաները, որ կան այս գեղեցիկ տանը։
― Ոչ, ― պատասխանեց Զորաիդան, ― իմ հորը ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, իսկ այն ամենը, ինչ որ այս տանը արժեքավոր է, ես հետս կվերցնեմ։ Հավատացեք, որ դա հերիք կանի, որպեսզի ձեզ բոլորիդ հարստացնի և բավարարի։ Սպասեցեք մի քիչ, դուք հիմա կտեսնեք։
Այս խոսքերով նա նորից տուն մտավ՝ խնդրելով մեզնից, որ չշարժվենք և աղմուկ չհանենք, որովհետև ինքն իսկույն կվերադառնա։ Ես հարցրի դավանափոխից, թե ինչի՞ մասին էր խոսում Զորաիդայի հետ, և նա հաղորդեց ինձ իրենց խոսակցությունը։ Ես ասացի նրան, որ նա պարտավոր է անել միայն այն, ինչ որ նրան է հաճելի։ Այդ միջոցին հայտնվեց Զորաիդան, հետը՝ մի տուփ, լիքը ոսկե էսկուդոներով։ Նա դժվարությամբ էր բերում, այնքան շատ էր ոսկին։ Սակայն մեր չար բախտին հաճելի էր, որ այդ վայրկյանին զարթներ Զորաիդայի հայրը և լսեր աղմուկը պարտեզում։ Դուրս նայելով լուսամուտից՝ նա իսկույն նկատեց, որ պարտեզում քրիստոնյաներ կան և սկսեց բարձր ու սուր ձայնով ճչալ արաբերեն․
― Քրիստոնյանե՜ր, քրիստոնյանե՜ր, գողե՜ր, գողե՜ր։
Այս աղաղակը մեզ բոլորիս սաստիկ շփոթմունքի մեջ գցեց։ Այնուամենայնիվ, դավանափոխը, տեսնելով, թե ի՜նչ վտանգի ենք ենթարկվում մենք և ըմբռնելով, որ պետք է վերջ տանք դրան նախքան ծառաները կհավաքվեն կանչի վրա, նա սաստիկ արագ ներս վազեց Հաջի Մորատոյի սենյակը։ Մեր ուղեկիցներից մի քանիսը հետևեցին նրան, իսկ ես սիրտ չարի Զորաիդային մենակ թողնելու, որ գրեթե ուշագնաց ընկավ իմ ձեռքերի վրա։ Վեր բարձրանալով սանդուղքով՝ նրանք այնպիսի ճարպկությամբ գործը գլուխ բերին, որ վայրկենաբար հետները բերեցին Հաջի Մորատոյին՝ ձեռները կապկպած, բերնի մեջ թաշկինակ կոխած։ Նա չէր կարող բառ անգամ արտասանել, և նրանք մահ էին սպառնում նրան, եթե նա անգամ խոսելու փորձ անելու լինի։ Տեսնելով հորը՝ Զորաիդան երեսը ծածկեց ձեռներով, որպեսզի վրան չնայի, իսկ նա սաստիկ զարմացած էր մնացել դեռևս չիմանալով, որ նա կամովին է անձնատուր եղել մեզ։ Սակայն այն վայրկյանին մենք միմիայն փախուստի մասին էինք մտածում, ուստի արագ֊արագ հասանք նավակին, որտեղ մնացյալները տագնապալից սպասում էին մեզ՝ վախենալով, թե միգուցե մի աղետ է պատահել մեզ։
Գիշերվա ժամի երկուսը դեռ չկար, իսկ մենք բոլորս էլ արդեն նավակի վրա էինք։ Այստեղ Զորաիդայի հոր ձեռներն արձակեցին և բերնից հանեցին թաշկինակը, բայց դավանափոխը կրկնեց, թե եթե նա գեթ մի խոսք ասելու լինի, իսկույն նրան կսպանեն։ Իսկ նա, տեսնելով աղջկան, սկսեց քնքույշ հոգվոց քաշել, և նրա հեծեծանքն ավելի սաստկացավ, երբ որ նկատեց, որ ես նստած եմ նրա հետ գրկախառնված, իսկ աղջիկը չի պաշտպանվում, չի տրտնջում, չի հրում ինձ և ընդունում է հանգիստ կերպով։ Այնուամենայնիվ, նա լուռ էր՝ երկյուղ կրելով, թե միգուցե մենք կատար ածենք դավանափոխի սարսափելի սպառնալիքը։ Զորաիդան, տեսնելով, որ մենք բոլորս արդեն նավի վրա ենք և մտադիր նավարկելու՝ տանելով հետներս նրա հորը ու ձեռները կապկպած մավրերին, խնդրեց դավանափոխից, որ ինձ հաղորդի, թե աղերսում է ինձնից մի շնորհ՝ բաց թողնել մավրերին և ազատել հորը, որովհետև նա ավելի շուտ ծովը կընկնի, քան իր աչքերով տեսնի, թե իր պատճառով գերի են վարում իր ջերմագին սիրած հորը։ Դավանափոխը հաղորդեց ինձ նրա խոսքերը, և ես հավանություն տվի։ Բայց նա պատասխանեց, թե դա լավ չի լինի, որովհետև եթե մենք նրանց հիմա բաց թոնելու լինենք, նրանք օգնության կկանչեն և ողջ քաղաքը ոտի կկանգնեցնեն։ Մեր ետևից մի քանի թեթև նավակներ կուղարկեն, կշրջապատեն ծովից ու ցամաքից, այնպես որ մենք արդեն փրկվելու տեղ չենք գտնի։ Միակ բանը, որ կարելի կլինի անել՝ դա գերիներին առաջին իսկ քրիստոնեական նավահանգստում ափ աջեցնելն է։ Այդպես էլ մենք վճռեցինք։ Երբ Զորաիդային բացատրեցին, թե ինչ պատճառներով մենք ի վիճակի չենք անմիջապես նրա խնդիրը հարգելու, նա էլ մեզ հետ համաձայնեց։ Ահա՛, ուրախ թափով և մեղմ խնդությամբ մեր ղոչաղ թիավարները գործի անցան և բոլոր սրտով իրենց Աստծու կամքին հանձնելով, նավարկեցին Մայորկա կղզիների ուղղությամբ, որ քրիստոնեկան հողին ամենամոտ կղզիներն են։ Սակայն հուսիսային քամին փչեց, ծովը հուզվեց և անհնար եղավ ուղղակի Մայորկա գնալը։ Ստիպվեցինք լողալ ափի երկարությամբ Օրանի ուղղությամբ, մի բան, որ մեզ սաստիկ անհանգստացնում էր, որովհետև վախենում էինք, թե միգուցե մեզ Սարջելից նկատեն, որովհետև Սարջել նավահանգիստն էլ նույն ափի վրա է, Ալժիրից վաթսուն մղոն հեռավորության վրա։ Բացի այդ, այդ ջրերում մենք վախենում էինք որևէ թիանավի դեմ առնել, որ վերադառնալիս լինի Տետուանից՝ ապրանքով բեռնված։ Ասենք՝ մեզնից յուրաքանչյուրը և մենք բոլորս միասին կարծում էինք, թե առևտրական թիանավը ռազմանավ չէ, ուստի հանդիպումը մեզ ոչ միայն չի կործանի, այլ ընդհակառակը՝ նավը գրավելու հնարավորություն կտա, և նրանով մենք կարող կլինենք առավել ապահով ավարտել մեր ճամփորդությունը։ Զորաիդան շարունակ պառկած էր, երեսը ծածկած իմ ձեռներով՝ հորը չնայելու համար, և ես լսում էի, թե ինչպես նա աղոթում էր Լելա Մարիենին և օգնություն հայցում։
Մենք առաջ ընթացանք մոտ երեսուն մղոն, լուսաբացը վրա հասավ, երբ որ մենք ափից հրացանի երեք զարկի հեռավորության վրա էինք։ Ափն ամայի էր, և մեզ ոչ ոք չէր կարող նկատել։ Այնուամենայնիվ, մեր թիավարները բոլոր ուժով զոռ էին տալիս թիերին, որպեսզի բաց ծով գնանք, որ այդ միջոցին մի քիչ հանգստացել էր։ Մի երկու մղոն անցնելուց հետո մենք առաջարկեցինք թիավարներին աշխատել չորս հերթով, որպեսզի հանգստացողները կարողանան բան ուտել, մանավանդ, որ մեր նավակը շատ լավ էր գնում։ Բայց թիավարները պատասխանեցին, որ հանգիստ առնելու ժամանակ չէ և թող իրենց կերակրեն չթիավարողները, իրենք, ինչ էլ լինի, ուզում են շարունակել թիավարել։ Այդպես էլ արվեց, իսկ այդ միջոցին բարեհաջող քամի փչեց և մենք, թիերը թողած, առագաստները բաց արինք և բռնեցինք Օրանի ուղղությունը, որովհետև ուրիշ ուղղությամբ ընթանալն անհնար էր։ Մենք այդ կատարեցինք մեծ արագությամբ և առագաստներով կտրում էինք ավելի քան ութ մղոն մեկ ժամում։ Մի բանից էինք միայն վախենում մենք՝ ծովահենների նավակի հանդիպումից։ Մենք մավրերին ուտելու բան տվինք, և դավանափոխը հանգստացրեց նրանց՝ ասելով, թե նրանց ստրուկ չենք դարձնի, այլ կազատենք առաջին իսկ հարմար առիթով։ Նույնն ասեց նաև Զորաիդայի հորը, որ դրան պատասխանեց․
― Ես պատրաստ եմ շատ բանի հավատալ և շատ բան ակնկալել ձեր բարությունից ու վեհանձնությունից, օ՜ քրիստոնյաներ, սակայն երբ որ դուք ինձ ազատություն եք խոստանում, ես այնքան էլ պարզամիտ չեմ, որպեսզի երևակայեմ, թե դուք, այնպիսի վտանգի ենթարկելով ձեզ և խլելով իմ ազատությունը, հիմա ինձ հետ կդարձնեք։ Չէ՞ որ դուք գիտեք, թե ով եմ ես և, ինձ ձեռք գցելով, ինչ շահ կարող եք քաղել։ Եթե դուք որոշելու լինեք չափը, ապա ես պատրաստ եմ անմիջապես վճարելու ինչ որ պահանջելու լինեք՝ իբրև փրկանք ինձ և իմ դժբախտ դստեր համար կամ թե սոսկ նրա համար, որ նա իմ հոգու լավագույն և մեծագույն մասն է։
Ասելով այդ՝ նա այնպես դառնագին լաց եղավ, որ բոլորս խղճահարվեցինք, իսկ Զորաիդան նայեց նրան և տեսնելով նրա արցունքները, սրտաշարժված վեր թռավ իմ գոգից և փաթաթվեց հորը։ Հպելով իր դեմքը նրա դեմքին՝ աղջիկը լաց եղավ հոր հետ, և շատերը մեզնից չկարողացան զսպել արցունքները՝ այնքան սրտաշարժ էր տեսարանը։ Սակայն, երբ որ հայրը նկատեց, որ աղջիկը տոնական հագուստ է հագել, պճնվել իր թանկագին քարերով, ասաց նրան իրենց լեզվով․
― Ի՞նչ կնշանակի, դուստրս, որ երեկ երեկոյան, նախքան այս սարսափելի դժբախտության պատահելը, ես քեզ տեսա տնային հասարակ շորով, իսկ այսօր հագիդ ամենափարթամ արդուզարդերն եմ տեսնում, որ ես նվիրել եմ քեզ երբևիցե լավագույն օրերում։ Չէ՞ որ զգեստ փոխելու ժամանակ էլ չես ունեցել դու, համ էլ ոչ մի բարի նորություն չի եղել, որ ստիպեր քեզ տոնելու՝ զուգվելով ու զարդարվելով։ Դե, պատասխանիր ինձ, որովհետև այդ հանգամանքը շփոթեցնում ու զարմացնում է ինձ ավելի, քան ինձ վրա հասած աղետը։
Մավրի բոլոր ասածները դավանափոխը թարգմանում էր մեզ։ Իսկ աղջիկը ոչ մի խոսք չէր պատասխանում։ Սակայն Հաջի Մորատոն, նկատելով նավի կողքին դրած տուփը, որի մեջ իր աղջիկը սովորաբար պահում էր իր թանկագին իրերը և մտաբերելով, որ Զորաիդան թողած է եղել Ալժիրում և հետը չէր տարել քաղաքից դուրս գտնվող տունը, շփոթվեց ու հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է եղել, որ տուփը մեր ձեռքն է ընկել և ի՞նչ կա մեջը։ Դավանափոխը առանց սպասելու Զորաիդայի պատասխանին ասաց․
― Նեղություն մի քաշիր, տեր իմ, աղջկանդ այդքան հարցեր տալու։ Ես կարող եմ մեկ խոսքով բոլոր հարցերի պատասխանը տալ։ Իմացած եղիր, որ նա քրիստոնյա է։ Նա է խորտակել մեր շղթաները և դուրս բերել մեզ գերությունից։ Նա իր բարի կամքով է հետևել մեզ և կարծես թե երջանիկ է ոչ պակաս, քան խավարից լույս դուրս եկողը, մահից դեպի կյանքը, տանջանքից դեպի երանությունը։
― Ճի՞շտ է նրա ասածը, դուստրս, ― հարցրեց մավրը։
― Ճիշտ է, ― պատասխանեց Զորաիդան։
― Եվ դու իսկապես քրիստոնյա՞ ես և մատնել ես հորդ թշնամիների ձե՞ռքը։
Զորաիդան դրան պատասխանեց․
― Ես քրիստոնյա եմ, այդ ճիշտ է, բայց քեզ չեմ մատնել։ Ես երբեք ցանկություն չեմ ունեցել քեզ լքելու և չարիք գործելու քեզ։ Ես միայն իմ բարին եմ որոնել։
― Եվ ի՞նչ բարիք ես գտել դու քեզ համար, դո՛ւստրս։
― Հարցրու Լելա Մարիենից, նա ինձնից լավ կբացատրի, ― պատասխնեց Զորաիդան։
Մավրը այդ լսելուն պես աներևակայելի արագությամբ գլխիվայր նետվեց ծովը և նա, անշուշտ, կխեղդվեր, եթե նրա երկարափեշ ու լայնարձակ շորը պահ մի չպահեր նրան ջրի երեսին։ Զորաիդան ճիչ բարձրացրեց՝ օգնության կանչելով, և մենք բոլորս վրա տվինք և, բռնելով նրա ալմալաֆայից, հանեցինք ջրից կիսակենդան և ուշագնաց։ Զորաիդան հուսակտուր լաց էր լինում ցավագին ու քնքշագին՝ որպես մեռածի վրա։ Մենք նրան պառկեցրինք երեսի վրա։ Նրա բերնից սկսեց թափվել ջուրը, և երկու ժամից հետո նա ուշքի եկավ։ Այդ ժամանակի ընթացքում քամին փոխեց իր ուղղությունը և մեզ քշում էր դեպի ափ, այնպես որ հարկադրված էին բոլոր ուժերով թիավարելու, որպեսզի ալիքը մեզ ափ չնետի։ Բայց մեր բարի բախտը հաճեց մեզ բերել ծովածոցը, որ փոքրիկ հրվանդանի ետևում էր և որ մավրերը կոչում են Կավա ոումիա, որ մեր լեզվով կնշանակի՝ քրիստոնյա վատ կին։ Մավրերն ունեն մի ավանդություն, որ այդտեղ թաղված է Կավան,[179] որի պատճառով Իսպանիան կորստյան մատնվեց։ Նրանց լեզվով Կավա կնշանակի վատ կին, իսկ ոումիա՝ քրիստոնյա։ Եվ, երբ որ նրանք ստիպված են լինում մերձենալ այդ հրվանդանին և խարիսխ գցել, վատ նշան են համարում այդ և առանց ծայրագույն անհրաժեշտության երբեք չեն անում։ Սակայն մեզ համար այդ տեղը ոչ թե վատ կնոջ ապաստան էր, այլ անվտանգ նավահանգիստ, որ փրկեց մեզ փոթորկից ծովում։ Ափին մենք պահակներ դրինք, իսկ մեր թիավարնեըը շարունակում էին թիերի մոտ նստած մնալ։ Ապա մենք ամրապնդվեցինք սնունդով, որ հետը վերցրել էր մեզ համար դավանափոխը և բոլոր սրտով աղոթեցինք Աստծուն և Սուրբ Կույսին՝ խնդրելով օգնել բարեհաջող ավարտելու այսքան երջանիկ սկսած նավարկությունը։ Զորաիդան նորից սկսեց թախանձել, որ ափ հանենք հորն ու մնացյալ կապկպած մավրերին, որովհետև նրա քնքուշ սիրտը պատառ֊պատառ էր լինում, և նա չէր կարողանում տեսնել իր առջև հորն ու հայրենակիցներին կաշկանդված։ Մենք խոստացանք նրա խնդիրքը կատարել մեկնելուց քիչ առաջ, քանի որ այս ամայի վայրերում նրանց ափ հանելը մեզ համար վտանգավոր չէր։ Մեր աղոթքներն ապարդյուն չմնացին, և երկինքն անսաց մեզ։ Քամու թափը թուլացավ և ծովը խաղաղվեց՝ հրավիրելով մեզ խնդությամբ շարունակելու սկսած ճամփորդությունը։ Այդ տեսնելով՝ մենք արձակեցինք մավրերին և մեկ֊մեկ ափ հանեցինք, մի բան, որից նրանք չափազանց զարմացած մնացին։ Սակայն երբ որ մենք ուզում էինք Զորաիդայի հորը ցամաք հանել, որ այդ միջոցին բոլորովին ուշքի էր եկել, նա ասաց․
― Ի՞նչ եք կարծում, քրիստոնյաներ, ինչու է այդ չար կինն ուրախանում, որ դուք ինձ ազատություն եք շնորհում։ Արդյոք կարծում եք, թե ցավակցությունից դրդվա՞ծ է այդպես վարվում։ Իհարկե՝ ո՛չ։ Նա չի կամենում իմ ներկայությունից շփոթվել իր վատթար մտաղհացումն ի կատար ածելու միջոցին։ Չհավատաք, թե նա հավատը փոխել է՝ համոզվելով, որ ձեր կրոնը մերից լավ է։ Ո՛չ, պարզապես նրան ասած կլինեն, թե ձեր երկրում ավելի հեշտ է անառակությամբ պարապելը, քան թե մեզ մոտ։
Ապա նա հարձակվեց Զորաիդայի վրա, իսկ ես ընկերներիցս մեկի հետ ամուր բռնել էի նրա ձեռները՝ երկյուղ կրելով, թե միգուցե նա վճռել է որևէ խելահեղ քայլ անել։
― Օ՜, անազնիվ և անմիտ կույս, ո՞ւր ես փախչում դու այս շների հետ կուրացած ու խելակորույս՝ մեր բնակա՜ն թշնամիների հետ։ Թող անիծվի՜ քո ծննդյան ժամը, թող անիծվեն փաղաքշանքն ու քնքշությունը, որոնցով ես քեզ մեծացրի։
Տեսնելով, որ նա երկար խոսելու մտադրություն ունի, ես շտապեցի նրան ափ հանել։ Այստեղ էլ նա շարունակում էր անիծել մեզ՝ աղերսելով Մոհամմեդին խնդրել ալլահին, որ բնաջինջ անի, ոչնչացնի և կործանի մեզ։ Եվ երբ որ մենք, առագաստներն արձակելով, անցանք բավական տարածություն, այնպես որ նրա ձայնը այլևս մեզ չէր հասնում, մենք դեռևս տեսնում էինք նրա շարժումները։ Նա փետում էր մորուքը, պոկում գլխի մազերը և թավալվում գետնին, իսկ մեկ անգամ այնքան բարձր աղաղակեց, որ մենք լսեցինք նրա խոսքերը․
― Իմ սիրելի դուստրս, մոտեցի՛ր ափին, ես ամեն ինչ կներեմ քեզ։ Տուր այդ մարդկանց ոսկի, մի բան, որ արդեն նրանց ձեռքին է և եկ մխիթարելու քո ցավագին հորը, որ մեռնելու է այս ամայի ափին, եթե դու նրան լքելու լինես։
Զորաիդան այդ ամենը լսում էր խորունկ զգացմունքով, լաց էր լինում և վերջապես պատասխանեց այսպես․
― Թող հաճելի լինի Ալլահին, հայր իմ, որ քեզ մխիթարի Լելա Մարիենը, որի կամքով ես քրիստոնյա դարձա։ Հայտնի է Աստծուն, որ այլ կերպ վարվել չէի կարող ես, քան վարվեցի և որ իմ վճիռը այս քրիստոնյաներից չէր կախված, որովհետև եթե անգամ ես կամենայի տանը մնալ և նրանց հետ չգնալ, անհնար կլիներ ինձ համար՝ այնքան բոցավառ ցանկություն կար մեջս բարի գործ կատարելու, որ քեզ, սիրելիդ իմ հայր, այնքան վատ է թվում։
Զորաիդան ասում էր, բայց մավրն արդեն չէր երևում, և նա չէր կարող լսել։ Ես սկսեցի մխիթարել նրան, իսկ մնացյալները գործի անցան։ Բարենպաստ քամին օգնում էր մեր նավարկության և մենք բոլորս հավատացած էինք, որ հետևյալ օրը լուսաբացին տեսնելու ենք Իսպանիայի ափերը։ Սակայն շատ հազվադեպ է (ավելի ճիշտ՝ երբեք) բարին գալիս մեզ զուտ առանց որևէ խառնուրդի, առանց ուղեկցության կամ հետևումի որևէ չարի, որ մռայլեցնում ու խավարեցնում է բարին։ Բա՞խտն է արդյոք մեղավոր, թե՞ աղջկա գլխին թափած մավրի անեծքը ― հայրը, ինչ ուզում է լինի, նրա անեծքը մի՛շտ սարսափելի է, ― միայն թե երբ որ մենք բաց ծով դուրս եկանք և առանց թիավարելու սաստիկ արագությամբ առաջ էինք լողում, ― բարենպաստ քամին թույլ տվեց թիավարներին հանգստանալու, ― գիշերվա ժամի երեքին, լուսնի լույսով, որ պայծառ շողում էր երկնքում, մենք նկատեցինք մոտիկից մի կլոր նավ,[180] որ մի քիչ թեք, սաստիկ արագությամբ սլանում էր դեմ֊հանդիման։ Նա այնքան մոտիկից անցավ, որ մենք հարկադրված էինք առագաստներն իջեցնել, որպեսզի չզարկվենք նրան, ասենք՝ դիմընթաց նավի վրա էլ բոլոր ուժերով ղեկավարում էին, որպեսզի մեզ բաց թողնեն կողքով անցնենք։ Նավից սկսեցին մեզ հարց ու փորձ անել, թե ովքեր ենք մենք, որտեղից և որտեղ ենք գնում։ Սակայն, որովհետև, նրանք ֆրանսերեն էին հարցնում, ապա դավանափոխը մեզ ասաց․
― Ոչ մի խոսք չպատասխանեք, դրանք անպայման ֆրանսիական ծովահեններ են, որ ոչ ոքի չեն խնայում։
Նման նախազգուշացումից հետո մեզնից ոչ ոք չպատասխանեց։ Մենք անցանք նավի կողքով, քամին քշում֊տանում էր նրան։ Սակայն նույն վայրկյանին երկու թնդանոթային կրակոց արձակեցին մեզ վրա։ Երևի թե գունդերը կրկնակի էին՝ մեկը մյուսին շղթայով կպցրած, որովհետև առաջինը միջից կես արեց մեր կայմը, որ առագաստի հետ ծովն ընկավ, իսկ երկրորդը, արձակված նրա ետևից, անմիջապես դիպավ մեր նավի մեջտեղին, ծակեց, բայց ուրիշ վնաս չհասցրեց։ Տեսնելով, որ մեր նավակն ընկղմվում է, մենք սկսեցինք աղաղակել և օգնության կանչել՝ աղերսելով, որ մեզ վերցնեն իրենց նավը, որովհետև մենք սուզվում էինք հատակը։ Նրանք հավաքեցին առագաստները և մի նավակ իջեցրին, որի մեջ պատրույգը վառած հրացանները ձեռքին տասներկու ֆրանսիացի նստեց։ Նրանք մոտ լողացին և տեսնելով, որ մենք շատվոր չենք և որ նավակը հատակն է գնում, առան մեզ իրենց նավակը և հայտնեցին, որ այդ դժբախտությունը մեզ այն պատճառով պատահեց, որ մենք այնքան անքաղաքավարի չպատասխանեցինք նրանց հարցին։ Մեր դավանափոխը վրա տվեց Զորաիդայի ակնեղենների տուփին և նետեց ծովը այնպես, որ ոչ ոք չնկատեց, թե նա ինչպես արեց։
Երբ որ մենք ֆրանսիացիների նավի վրա նստեցինք, նրանք մեզ հարց ու փորձ արին, ինչ որ ուզում էին իմանալ և ապա, իբրև ոխերիմ թշնամիներ, մեզ կողոպտեցին՝ խլելով անգամ Զորաիդայի ապարանջանները, որ նրա ոտներին էին։ Սակայն ինձ ոչ այնքան Զորաիդային հասցրած վիրավորանքն էր տանջում, որքան երկյուղը, որ խլելով նրա հարուստ ու թանկագին գանձը, նրանք կփորձեն հափշտակելու այն գանձը, որ բոլոր մնացյալներից թանկ էր և որ նա էլ ամենից բարձր էր գնահատում։ Սակայն այդ մարդիկ լոկ փողի մասին են մտածում, և նրանց ընչաքաղցությունը անհագուրդ է։ Նրանց ագահությունը այն աստիճանի էր հասնում, որ նրանք կանգ չէին առնի մեր վրայից մեր բանտային շորերն էլ հանելուց, եթե միայն մի բանի պետք գալու լիներ։ Ապա նրանք սկսեցին քննարկել՝ չկապե՞ն արդյոք մեզ բոլորիս առագաստի մեջ և ծովը չնետե՞ն, որովհետև նրանք մտադիր էին իսպանական ափերին առուտուր անելու, իրենց բրետոնացիների տեղ ծախելով, ուստի և վախենում էին, թե միգուցե իրենց կողոպուտը բացվի և նրանց պատժեն, եթե նրանք մեզ կենդանի տեղ հասցնեն։ Սակայն նավապետը ― նա՛, որ կողոպտեց իմ սիրեցյալ Զորաիդային, ― հայտարարեց, որ այդ ավարն իրեն բավական է և որ նա չի կամենում և ոչ մի իսպանական նավահանգիստ մտնել, այլ միտք ունի շարունակել ուղին և գիշերով Ջիբրալտարի նեղուցն անցնելով, վերադառնա Լա Ռոշել, որտեղից նրանք դուրս էին եկել։ Ուստի նրանք որոշեցին տալ մեզ նավից մի նավակ և ինչ որ անհրաժեշտ է մեզ մնացած կարճ ճամփի համար։
Այդպես էլ արին նրանք հետևյալ օրը, երբ որ արդեն իսպանական ափը երևում էր։ Հենց որ մենք ափը տեսանք, մեր ուրախությունն այնքան մեծ եղավ, որ մենք մոռացանք մեր բոլոր ցավերն ու տառապանքները, ասես թե մեզ ոչ մի վատ բան պատահած չլիներ։ Այդքան քաղցր էր վերստին գնտել կորցրած ազատությունը։
Երևի կեսօր կլիներ, երբ ֆրանսիացիները մեզ նստեցրին նավակ և տվին մեզ երկու փոքրիկ տակառ ջուր ու մի քիչ չորացած հաց։ Երբ որ չքնաղ Զորաիդան իջնում էր նավակը, կապիտանը, մղված հանկարծակի կարեկցությամբ, նվիրեց նրան քառասուն ոսկի էսկուդո և թույլ չտվեց, որ նավաստիները հանեն նրա շորերը, որոնց մեջ դուք հիմա տեսնում եք նրան։ Մենք նավակ նստեցինք և շնորհակալություն հայտնեցինք մեզ արած շնորհի համար՝ արտահայտելով ավելի շուտ երախտապարտություն, քան տհաճություն։ Ֆրանսիական նավն անհետացավ բաց ծովում ծովածոցի ուղղությամբ, իսկ մենք, ուղղակի մեր դիմաց երևացող ափին ճամփա բռնելով՝ որպես ուղեցույց աստղի, այնպիսի լարվածությամբ զոռ տվինք թիերին, որ մայրամուտի դեմ մոտիկացանք ցամաքին և հույս ունեինք մինչև գիշերվա վրա հասնելը ափ դուրս գալ։ Բայց, որովհետև այդ գիշեր լուսին չկար, երկինքը սև էր, և մենք ստուգապես չգիտեինք, թե որտեղ ենք գտնվում, ապա մենք համարում էինք, թե անվտանգ չէ անմիջապես մոտենալ ափին։ Շատերը թեև կարծում էին, թե դարձյալ ավելի լավ կլինի, որ ափ իջնենք անգամ ժայռերի միջև և բնակավայրից հեռու, որովհետև այն ժամանակ մենք կարող ենք երկյուղ չկրել Տետուանի ծովահեններից, որոնք երեկոյան լինում են Բերբերիայում, իսկ առավոտյան դեմ հաճախ Իսպանիայի ափերի մոտ, որտեղ ավար առնելով, ետ են գալիս գիշերելու տանը։ Իսկ այդ երկյուղը տեղին էր։ Քննարկելով այդ հակառակ կարծիքները՝ մենք ի վերջո որոշեցինք առանց շտապելու մոտենալ ափին և, եթե ծովը շատ փոթորկալից չլինի, ափ ելնել՝ որտեղ որ պատահի։ Այդպես էլ արինք մենք և կես֊գիշերին մոտ հասանք բարձր ու գիրթ լերան ստորոտին, որ, սակայն, անմիջապես ափից չէր սկսվում, այնպես որ հողի մի փոքր շերտ կար, որին կարելի էր հարմար կերպով մոտենալ։ Նավակը խրվեց ավազուտ հատակին, մենք դուրս եկանք ափ և, համբուրելով հողը, մեծամեծ խնդությամբ և արցունքներով շնորհակալ եղանք Աստծուն աննման շնորհի համար, որ առաքել էր մեզ։ Դուրս քաշելով նավը՝ մենք հանեցինք միջից մեր պաշարը և բավական բարձր վեր ելանք սարը։ Սակայն անգամ այստեղ մենք չկարողացանք հանգստացնել մեր սրտի հուզմունքը և վերջնականապես հավատալ, որ մենք ոտ ենք դրել քրիստոնեական հողի վրա։
Լուսաբացն ավելի ուշ բացվեց, քան ես կկամենայի։ Մենք հասանք սարի կատարը և սկսեցինք նայել ամեն կողմ՝ չի՞ երևում արդյոք որևէ գյուղ կամ հովվի խուղ։ Բայց ինչքան էլ լարում էինք մեր տեսողությունը, բան չէր երևում, ո՛չ մարդ, ո՛չ գյուղ, ո՛չ ճամփա, ո՛չ արահետ։ Այնուամենայնիվ, մենք որոշեցինք շարունակել մեր ուղին երկրի խորքը։ Հո պիտի՞ մեկն ու մեկը հանդիպեր մեզ, որ ասեր, թե որտեղ ենք գտնվում մենք։ Սակայն ամենից շատ ինձ տանջում էր այն, որ Զորաիդան ոտով էր գնում այս ծանր ճանապարհով։ Ես փորձեցի նրան ուսերիս վրա առնել, բայց նա իմ հոգնածությունից առավել էր հոգնում, քան հանգիստ էր առնում հանգստանալուց և այլևս չէր համաձայնում, որ ես նրան տանեմ։ Նա առաջ էր ընթանում համբերությամբ և ուրախ֊ուրախ՝ բռնած իմ ձեռքը։ Այսպես անցանք մենք մոտ քառորդ մղոն և հանկարծ մեր ականջին հասավ զանգակների ձայն, որ պարզ վկայում էր, թե ոչ հեռու հոտ կա։ Մենք բոլորս սկսեցինք ուշի֊ուշով նայել և վերջապես մի կաղնու տակ նկատեցինք մի երիտասարդ հովվի, որ դանակով ձեռնափայտ էր տաշում՝ խաղաղ ու անհոգ։ Մենք ճչացինք, մեր ձայնի վրա նա արագ վեր թռավ և, ինչպես մենք հետագայում իմացանք, նախ և առաջ նա դավանափոխին և Զորաիդային նկատեց։ Տեսնելով մավրիտանական տարազով մարդկանց՝ նա միտք արեց, թե նրա վրա արշավում է ողջ Բերբերիան և, փախուստ տալով մերին, որ հեռու չէր, սկսեց զիլ ձայնով գոռալ․
― Մավրեր են ափ իջել, մավրե՜ր, մավրե՜ր։ Ի զե՜ն, ի զե՜ն։
Մենք այնքան շփոթվեցինք նրա աղաղակից, որ չգիտեինք, թե ինչ անենք։ Բայց վճռելով, որ այդ աղաղակները ոտի կկանգնեցնեն ողջ աղգաբնակչությանը և որ առափնյա ձիավոր պահակախումբը կգա տեղեկանալու բանի էությունը, մենք դավանափոխին խորհուրդ տվինք հանել տաճկական վերարկուն և հագնել գերու կապա, որ մեր գերիներից մեկը զիջեց նրան, ինքը մնալով շապկանց։ Այսպիսով, հանձնելով մեզ Աստծու կամքին՝ մենք առաջ ընթացանք նույն ճանապարհով, որով փախավ հովիվը, շարունակ սպասելով, թե ահա վրա կհասնի առափնյա պահակախումբը։ Նախազգացումը մեզ չխաբեց, որովհետև հազիվ երկու ժամ գնալուց հետո մերուց դաշտավայրը դուրս գալուց մենք մոտ հիսուն ձիավոր տեսանք, որ արագ֊արագ յորդա սուրում էին մեզ վրա։ Տեսնելով նրանց՝ մենք կանգ առանք՝ սպասելու։ Նրանք մոտ քշեցին ձիերը և, համոզվելով, որ մենք մավրեր չենք, որոնց նրանք որոնում էին, այլ աղքատ քրիստոնյաներ, ըստ երևույթին շփոթվեցին, և նրանցից մեկը հարցրեց, մեր պատճառով չէ՞ արդյոք մի հովիվ «ի զեն» կոչել։ «Այո», ― պատասխանեցի ես և ուզում էի նրան պատմել, թե որտեղից ենք մենք, ովքեր և ինչ է եկել մեր գլխով, բայց այդ րոպեին քրիստոնյաներից մեկը՝ մեր ուղեկիցը, ճանաչեց ձիավորին, որ մեզ հարց ու փորձ էր անում և, կտրելով խոսքս, բացականչեց․
― Փառք տանք Աստծուն, որ մեզ այս երջանիկ աշխարհը բերեց, որովհետև, սինյորներ, եթե ես չեմ սխալվում, մենք քայլում ենք Վե՛լես Մա՛լագա[181] քաղաքի հողի վրա։ Եվ եթե գերության տարիները տակավին չեն մթագնել իմ հիշողությունը, ապա դուք, սինյոր, որ հարցնում եք, թե ովքեր ենք մենք, Պեդրո դե Բուստամանտեն եք, իմ քեռին։
Հազիվ էր գերին արտասանել այս խոսքերը, որ ձիավորը, ցած թռչելով ձիուց, գրկեց երիտասարդին և ասաց․
― Քրոջս տղա, հոգուս ու կյանքիս բերկրությունը, ճանաչում եմ քեզ։ Ե՛ս էլ, քո՛ւյրս էլ, քո մայրը և կենդանի մնացած բոլոր ազգականներդ ողբում էին քո մահը, բայց Աստված հաճեց երկարել նրանց օրերը, որպեսզի կարողանան ուրախանալ՝ հանդիպելով քեզ։ Մենք գիտեինք, որ դու Ալժիրում ես և քո, ինչպես նաև քո ուղեկիցների տեսքից ու զգեստից գլխի եմ ընկնում, թե ի՜նչ հրաշքով եք դուք փրկվել գերությունից։
― Հենց այդպես էլ է, ― պատասխանեց երիտասարդը, ― մենք դեռ ժամանակ կունենանք ամեն ինչ մանրամասնորեն պատմելու քեզ։
Երբ որ մյուս ձիավորները լսեցին, որ մենք գերի քրիստոնյաներ ենք, վեր եկան ձիերից և առաջարկեցին մեզ իրենց ձիերը՝ Վե՛լես Մա՛լագա քաղաքը գնալու համար, որ մեկուկես մղոն հեռավորության վրա էր։ Ձիավորների մի մասը, իմանալով մեզնից, թե որտեղ ենք թողել մեր նավակը, գնացին նրա ետևից, որ քաղաք բերեն։ Մնացածները նստացրին մեզ իրենց գավակին։ Զորաիդան հեծավ մեր երիտասարդ գերու քեռու ձին։ Ամբողջ քաղաքը դուրս էր եկել մեզ դիմավորելու, որովհետև ձիավորներից մեկը, մեզնից շուտ հասնելով, արդեն մեր գալստյան լուրը հաղորդել էր։ Բնակիչներին այն չէր զարմացնում, որ իրենց առջև ազատված գերիներ են և գերված մավրեր, ― այս առափնյա բնակիչները սովոր էին թե՛ սրանց, թե՛ նրանց, ― ո՛չ, նրանք զարմացած մնացին Զորաիդայի գեղեցկությունից, որ առանձնապես փայլում էր այն րոպեին։ Երկար ճամփի հոգնածությունից և խնդությունից, որ վերջապես կատարելապես ապահով է և քրիստոնյա երկրում, նրա այտերը ալ կարմիր էին ներկվել։ Եվ, եթե սերը չի կուրացնում ինձ, ես կարող եմ հաստատել, որ ավելի չքնաղ արարած աշխարհս չէր տեսել, առնվազն, իմ աչքերը չէին տեսել։
Մենք ուղղակի գնացինք եկեղեցի, փառք տալու Աստծուն մեզ արած շնորհի համար, և Զորաիդան ներս մտնելով ասաց, որ նա տեսնում է Լելա Մարիենին նմանող դեմքեր։ Մենք նրան բացատրեցինք, թե դրանք սուրբ կույսի սրբապատկերներն են, և դավանափոխը աշխատեց, ինչպես կարող էր, հասկացնել՝ ինչ կնշանակի դա և ինչու նա պիտի պաշտի դրանց այնպես, ինչպես եթե յուրաքանչյուր պատկեր ճշմարտապես Լելա Մարիեն լիներ, որ իր հետ խոսել է։ Զորաիդայի միտքը սուր էր և, բնականից արագ ու պայծառ խելքի տեր լինելով, լուսապատկերների մասին ինչ որ ասվեց՝ հեշտ յուրացրեց։ Ապա մեզ տարան ու տեղակեցին զանազան տներում, իսկ Զորաիդային, ինձ ու դավանափոխին մեր ուղեկից գերին իր ծնողների տունը տարավ, որոնք, բավական ունևոր մարդիկ լինելով, մեզ ոչ պակաս սիրով ընդունեցին, քան իրենց սեփական որդուն։
Վեց օր մենք մնացինք Վելեսում, ապա թե դավանափոխը, հավաքելով բոլոր տեղեկանքները, գնաց Գրանադա քաղաքը, որպեսզի այնտեղ, սուրբ ինկվիզիցիայի միջոցով վերադառնա սուրբ եկեղեցու ծոցը։ Մնացած ազատված քրիստոնյաները գնացին ուր որ ամեն մեկը կամեցավ։ Մնացինք մենակ ես ու Զորաիդան, և մոտներս այն էսկուդոներն էին մնացել, որ Զորաիդան պարտական էր ֆրանսիացու սիրալիրության։ Այդ փողով ես գնեցի այն ձին, որով նա եկավ այստեղ։ Մինչև հիմա ես նրա համար հայր ու զինակիր եմ եղել, բայց ոչ ամուսին, և մենք գնում ենք ծննդավայրս՝ իմանալու՝ կենդանի՞ է արդյոք հայրս և ավելի հաջողակ չի՞ եղել եղբայրներիցս մեկն ու մեկը, քան թե ես։ Թեև, ասենք, ինձ թվում է, թե բախտը, ինձ համար Զորաիդային կենակից առաքելով, չէր կարող ավելի մեծ ու թանկագին բարիք նվիրել։ Զորաիդան այնպիսի համբերությամբ է տանում զրկանքները, որ բխում են աղքատությունից և այնքան սաստիկ է ցանկանում քրիստոնյա դառնալ, որ ես, հիացումով լեցուն, պատրաստ եմ ծառայելու նրան մինչև օրերիս վախճանը։ Սակայն ուրախությունը, որ ես զգում եմ այն մտքից, թե ես պատկանում եմ նրան, իսկ նա՝ ինձ, թունավորում ու սևանում է, որովհետև ես չգիտեմ՝ արդյոք ծննդավայրումս կգտնվի՞ մի անկյուն, որտեղ ես բնակվեի նրա հետ։ Կարող է պատահել, որ հայրս ու եղբայրներս կենդանի մնացած չլինեն կամ թե չէ այս ժամանակամիջոցում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որ ինձ դիմավորող մարդ մնացած չլինի։
Ահա և իմ ամբողջ պատմությունը, սինյորներ։ Ինքներդ դատեցեք, թե որքան երևելի ու հաճելի է։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ ես կկամենայի ձեզ ավելի կարճառոտ պատմած լինել, թեև ձեզ ձանձրացնելու երկյուղը առանց այն էլ ստիպեց ինձ մի քանի մանրամասներ դուրս գցելու։
Գլուխ XLII
Ուր պատմվում է, թե ինչ պատահեց իջևանում և շատ ուրիշ հիշարժան բաներ
Գերին լռեց, իսկ դոն Ֆերնանդոն ասաց․
― Ճշմարտապես, սինյոր կապիտան, ձեր զարմանալի արկածների պատմելու արվեստը հավասար է նրանց արտասավորության։ Ձեր պատմությունը՝ հազվագյուտ, արտասովոր, անակնկալներով լի, հիացնում ու հափշտակում է ունկնդիրներին։ Ձեր զրույցից ստացած մեր հաճույքը այնքան մեծ է, որ եթե անգամ մինչև արշալույս տևելու լիներ, այդ դեպքում էլ մենք պատրաստ կլինեինք լսել սկզբից մինչև վերջ։
Այս խոսքերից հետո դոն Ֆերնանդոն, Կարդենիոն և բոլոր մնացյալները սկսեցին առաջարկել գերուն իրենց ծառայությունը այնպիսի սրտագին ու անկեղծ արտահայտություններով, որ կապիտանը զգացվեց նրանց բարեկամական պատրաստակամությունից։ Մասնավորապես դոն Ֆերնանդոն առաջարկեց գերուն գնալ իր հետ, խոստանալով այնպես սարքել, որ իր եղբայր մարկիզը Զորաիդայի կնքահայրը լինի, իսկ ինքն իր հերթին ամեն անհրաժեշտ բան կանի, որպեսզի կապիտանը կարողանա վերադառնա իր կողմերը պատվով ու միջոցներով, ինչպես վայել է նրա կոչմանը։ Գերին սիրալիր շնորհակալություն հայտնեց այդ բոլոր վեհանձն առաջարկությունների համար, սակայն նրանցից ոչ մեկը չընդունեց։
Մինչ այս, մինչ այն, արդեն գիշերը վրա էր հասել և երբ բոլորովին մթնել էր, պանդոկի մոտ կանգ առավ մի կառք՝ շրջապատված մի քանի ձիավորներով։ Նրանք սենյակ պահանջեցին, իսկ պանդոկպանի տանտիկինը պատասխանեց, թե ողջ հյուրանոցում ոչ մի ազատ անկյուն չկա։
― Ինչ ուզում է լինի, ― հայտարարեց ձիավորներից մեկը, ― իսկ սինյոր աուդիտորի[182] համար, որին մենք ուղեկցում ենք, մի տեղ կգտնվի։
Այդ որ լսեց տանտիկինը, շփոթվեց և ասաց․
― Բանն այն է, սինյոր, որ մենք ոչ մի մահճակալ չունենք, բայց եթե նորին ողորմածություն սինյոր աուդիտորը, ինչպես ես ենթադրում եմ, հետը բերել է իր անկողինը, ապա խնդրում եմ՝ համեցեք։ Նորին ողորմածությանը հաճելի լինելու համար մենք՝ ամուսնուս հետ, կզիջենք նրան մեր սենյակը։
― Շատ բարի, ― ասաց ձիապանը։
Այդ միջոցին կառքից արդեն դուրս էր եկել մի մարդ, որի զգեստից կարելի էր իսկույն հետևցնել նրա աստիճանի և կոչումի մասին։ Նրա երկար քղամիդը և ծալքավոր թևերը ցույց էին տալիս, որ ծառան ճշմարիտ էր ասել և, որ նա, իրոք, աուդիտոր էր։ Նա բռնել էր մի տասնվեց տարեկան, ճամփորդական հագուստ հագին աղջկա ձեռքից՝ այնքան սիրունիկ, ազնիվ ու նրբին, որ նրա տեսքից բոլորը հիացած մնացին։ Եվ եթե նրանք նախքան այդ տեսած չլինեին Դորոթեային, Լյուսինդային և Զորաիդային, ապա, անշուշտ, կվճռեին, թե դրա պես մի ուրիշ գեղեցկուհի դժվար թե գտնվի աշխարհիս երեսին։
Դոն Կիխոտը, որ դիտում էր աուդիտորի և աղջկա գալուստը, ասաց․
― Ձերդ ողորմածությունն աներկյուղ կարող է ներս մտնել և տեղավորվել այս դղյակում։ Ճիշտ է՝ նեղ ու անհարմար կլինի, բայց աշխարհիս երեսին չկա այնպիսի նեղվածություն ու անհարմարություն, որ չնահանջեին ռազմական արվեստի և գիտությանց դեմ, մանավանդ երբ ռազմական արվեստի և գիտությանց մունետիկը գեղեցկությունն է։ Ձերդ ողորմածության գիտնականությանը նախորդում է այդ աղջկա գեղեցկությունը, որի առջև ոչ միայն դղյակները պիտի բացվեն, այլ փլչեն ժայռերը, ճաքեն ու ճեղքվեն լեռները, որ նրան արժանավոր կերպով ընդունեն։ Դե, ներս մտեք այս դրախտը, ձերդ ողորմածություն, որտեղ դուք արև ու աստղեր կգտնեք, որոնք կզարդարեն երկինքը, որ դուք բերել եք հետներդ։ Այստեղ դուք կգտնեք ռազմական արվեստը իր ողջ փայլով և գեղեցկությունը՝ կատարելության մեջ։
Աուդիտորը, զարմացած դոն Կիխոտի ճառերից, սկսեց ուշի֊ուշով զննել նրան, և ասպետի արտաքինը նրան ոչ պակաս զարմացրեց, քան խոսքերը։ Սակայն նախքան նա պատասխանելու բան գտավ, նա կրկին զարմացած մնաց, երբ որ նրա առջև երևան եկան Լյուսինդան, Դորոթեան և Զորաիդան, որոնք, տեղեկանալով նոր հյուրերի գալստյան մասին և տանտիկնոջից լսելով չքնաղ անծանոթուհու մասին, դուրս էին եկել, որ դիմավորեն և տեսնեն նրան։ Նույն պահին դոն Ֆերնանդոն, Կարդենիոն ու քահանան նուրբ ձևերով ու քաղաքավարությամբ սկսեցին առաջարկել աուդիտորին իրենց ծառայությունը։ Վերջ ի վերջո սինյորը ներս մտավ, սաստիկ շփոթված տեսածից ու լսածից, և պանդոկում հավաքված գեղեցկուհիները ողջունեցին չքնաղ ճամփորդուհուն։ Աուդիտորն, իհարկե, չէր կարող չնկատել, որ նրան շրջապատող մարդիկ բոլորն էլ ազնվական ծագում ունեին։ Բայց դոն Կիխոտի արտաքինը, դեմքն ու շարժումները նրան տարակուսանքի մեջ էին գցում։ Բազմաթիվ սիրալիր առաջարկներ փոխանակելուց և շենքը նայելուց հետո մեր հասարակությունը մնաց իր նախկին որոշման վրա, այն է՝ բոլոր տիկինները պետք է գիշերեին արդեն հիշատակված սենյակում, իսկ տղամարդիկ մնային սրահում և նրանց անդորրը պահպանեին։ Աուդիտորը թույլ տվեց դեռատի աղջկան (որ իր դուստրն էր) տեղավորել մնացյալ տիկինների հետ, և աղջիկն ընդունեց այդ ամենայն սիրով։ Պանդոկպանի մահճակալն ու աուդիտորի անկողնի կեսն իրար կցելով՝ տիկինները գիշերելու ավելի հարմար տեղ գտան, քան ենթադրում էին։
Հենց որ գերին տեսավ աուդիտորին, նրա սիրտը բաբախեց, որովհետև նրան թվաց, որ նրա մեջ ճանաչեց իր եղբորը։ Նա հարցրեց ծառաներից մեկից, թե ինչպես է նրա տիրոջ անունը և չգիտի՞ նա արդյոք՝ որն է նրա ծննդավայրը։ Ծառան պատասխանեց, որ իր տերը լիցենցիատ Խուան Պե՛րես դե Վիեդման է և որ նրա ծննդավայրը, կարծյոք, ինչ֊որ փոքրիկ ավան է Լեոն լեռներում։ Այս տեղեկությունը սեփական աչքերով տեսածի հետ, վերջնականապես համոզեց նրան, թե աուդիտորը իր եղբայրն է, որ հետևել է հոր խորհուրդին և գնացել է գիտնականի ճամփով։ Հուզված և ուրախացած՝ գերին մի կողմ կանչեց դոն Ֆերնանդոյին, Կարդենիոյին և քահանային և հաղորդեց նրան պատահածի մասին՝ հավատացնելով նրանց, որ աուդիտորը իր հարազատ եղբայրն է։ Ծառան պատմեց նույնպես, որ աուդիտորը պաշտոն է ստացել Ամերիկայում, Մեքսիկայի գավառում, որ հետը ճամփորդող աղջիկը նրա դուստրն է, որը ծնվել է մոր կյանքի գնով։ Կինը մեծ օժիտ է բերած եղել հետը, և հիմա նա շատ հարուստ է։ Գերին բարեկամներից խորհուրդ խնդրեց, թե ինչպես բացվի եղբոր առջև, և ավելի լավ չէ՞ր լինի արդյոք նախապես իմանալ՝ կընդունի իրեն գրկաբա՞ց, թե՞, ընդհակառակը՝ կամաչի՝ տեսնելով եղբորը աղքատ վիճակում։
― Թողեք, որ ես անեմ այդ փորձը, ― ասաց քահանան, ― նամանավանդ, որ ես հեռու եմ այն մտքից, որ ձեր եղբայրը կարող է վատ ընդունել ձեզ։ Որովհետև նրա բոլոր վարվեցողության մեջ այնքան ազնվություն է երևում և խելամտություն, որ բնավ չի կարելի կասկածել նրան գոռոզության ու անսրտության մեջ՝ անշուշտ, նա ունակ կլինի ըմբռնելու բախտի փոփոխականությունը։
― Ես դարձյալ կկամենայի, ― առարկեց կապիտանը, ― ո՛չ թե անմիջապես բացվել, այլ զարտուղի ճանապարհով։
― Կրկնում եմ, ― պատասխանեց քահանան, ― ես այնպես կանեմ, որ մենք բոլորս էլ գոհ մնանք։
Մինչ այս, մինչ այն, ընթրիքը բերին և բոլորը բոլորեցին սեղանի շուրջը, բացի գերուց ու տիկիններից, որոնք առանձին էին ընթրում իրենց սենյակում։ Ընթրիքի միջոցին քահանան ասաց․
― Կոստանդնուպոլսում, որտեղ ես գերության մեջ եմ մնացել մի քանի տարի, մի բարեկամ ունեի, որ կոչվում էր այնպես, ինչպես և ձերդ ողորմածությունը, սինյոր աուդիտոր։ Իսպանական բովանդակ բանակում նա ամենաարի զինվորն ու կապիտանն էր, բայց նրա ուժն ու արիությունը հավասար էին նրա դժբախտություններին։
― Իսկ այդ կապիտանի անունն ի՞նչ էր, ― հարցրեց Աուդիտորը։
― Նրա անունը, ― պատասխանեց քահանան, ― Ռուի դե Վիեդմա էր, ծննդավայրը ինչ֊որ ավան Լեոնի լեռներում։ Նա ինձ արեց իր հոր ու երկու եղբայրների պատմությունը, այն տեսակ մի պատմություն, որ եթե հավատացած չլինեի բարեկամիս ճշմարտախոսության մեջ, ես հեքիաթ կհամարեի՝ օջախի շուրջը ձմեռ ժամանակ պառավ կանանց պատմածների պես։ Նրա հայրը բաժանած է եղել իր ամբողջ կարողությունը երեք որդիների միջև և Կատոնից առավել իմաստուն խորհուրդներ տվել։ Իմ բարեկամը ռազմական ուղի էր ընտրել և այնպես հաջողել, որ մի քանի տարվա ընթացքում, միմիայն իր արիության ու քաջության շնորհիվ, միմիայն իր արժանիքների օգնությամբ հետևակ զորքի կապիտանի աստիճանի էր հասել և նա գնդապետ կարգվելու ճիշտ ճամփի վրա էր։ Սակայն այն իսկ վայրկյանին, երբ նա հաջողության հույս ուներ, բախտը դավաճանեց նրան՝ նա կորցրեց բախտը, հետն էլ ազատությունը ա՛յն օրհնված օրը, երբ շատերը ձեռք բերին, խոսքս՝ Լեպանտոյի ճակատամարտի մասին է։ Ես գերի ընկա Գոլետայում և հետագայում, չարքաշ կյանքից հետո բախտը մեզ միացրեց Կոստանդնուպոլսում։ Այստեղից նա ընկավ Ալժիր, որտեղ պատահեց աշխարհիս երեսին տեղի ունեցած դեպքերից ամենաարտասովորը։
Շարունակելով իր պատմությունը՝ քահանան սեղմ ու կարճառոտ հաղորդեց աուդիտորին այն ամենը, ինչ պատահել էր նրա եղբոր ու Զորաիդայի միջև։ Աուդիտորը լսում էր այնպիսի ուշադրությամբ, որ կարծես թե երբեք աուդիտոր եղած չլիներ բառիս լիակատար իմաստով։[183] Քահանան հասավ մինչև այն տեղը, երբ ֆրանսիացիք կողոպտեցին մեր փախստականներին նավակում և նկարագրեց, թե ինչ չքավորության և աղքատության մեջ մնացին նրա բարեկամն ու չքնաղ մավրիտանուհին։ Իսկ թե ինչ է եղել հետո ― հաջողվե՞լ է արդյոք նրանց հասնել Իսպանիա, թե՞ ֆրանսիացիք տարել են հետները Ֆրանսիա ― մնում է անհայտ։
Գերին, կանգնած մեկուսի, լսում էր քահանայի զրույցը և ուշադիր հետևում իր եղբոր շարժումներին։ Վերջինս, համբերելով մինչև պատմության վերջը, խոր հոգվոց քաշեց և արտասվաթոր աչքերով բացականչեց․
― Եթե դուք իմանայի՜ք, սինյոր, թե ի՜նչ կարևոր լուրեր հաղորդեցիք դուք ինձ և ինչ խորը զգացված եմ ես։ Տեսնում եք, չնայած իմ բոլոր ցանկության՝ զուսպ ու հանգիստ մնալու, արցունքը մատնում է հուզմունքս։ Այդ քաջ կապիտանը, որի մասին դուք պատմեցիք, իմ ավագ եղբայրն է, ավելի արի, քան ես և մյուս եղբայրս և առավել վեհ մտածողության մարդ։ Նա ընտրեց պատվավոր և փառավոր ռազմական արվեստը, ― մեր հոր առաջարկած երեք ասպարեզներից մեկը, ― ինչպես դուք տեղյակ եք ձեր բարեկամի (ձեր ասելով հեքիաթանման) պատմությունից։ Ես գնացի գիտական ուղիով, Աստծու օգնությամբ և իմ ջանասիրության շնորհիվ հասա այն կոչմանը, որ ներկայիս ունեմ։ Իսկ իմ կրտսեր եղբայրը ապրում է Պերու, որտեղ նա այնքան հարստացել է, որ ինձ ու հորս նրա ուղարկած փողերով նա ոչ միայն հատուցեց մի ժամանակ ստացած բաժինը, այլ հորս հնարավորություն տվեց երևան բերելու իրեն հատուկ առատաձեռնությունը, իսկ ինձ՝ վայելուչ և առանց պակասություն ապրելու՝ զբաղված գիտություններով և հասնելու պաշտոնի, որ ներկայիս ես ունեմ։ Հայրս կենդանի է, բայց մեռած է իմանալու համար, թե ինչ եղավ իր առաջնեկը և անխոնջ աղոթք է առաքում Աստծուն, որ մահը միջոց տա, մինչև որ տեսնի իր աչքի լույս տղին և ապա փակի իր աչքերը։ Մեկ բան է միայն զարմացնում ինձ՝ ինչո՞ւ իմ եղբայրը, այնքան խոհեմ լինելով, ոչ մի անգամ հորս չգրեց իր հաջողությունների մասին և ո՛չ էլ տառապանքների։ Չէ՞ որ եթե հայրս կամ մեզնից մեկն ու մեկը իմանար նրա գերության մասին, կարիք չէր լինի, որ նա սպասեր հրաշք եղեգին՝ փրկանք ստանալու համար։ Իսկ հիմա ինձ տագնապի մեջ է գցում այն միտքը, թե ֆրանսիացիք բա՞ց են թողել նրան, թե՞ սպանել՝ կողոպուտը թաքցնելու համար։ Ահա թե ինչու ես անուրախ եմ շարունակելու ուղիս, խնդությամբ սկսեցի և վիշտ ու ցավով եմ շարունակելու։ Օ՜, իմ բարի եղբայր, եթե ես իմանայի, թե որտեղ ես դու հիմա, ես կգտնեի քեզ և կազատեի քո տառապանքից անգամ սեփական տառապանքների գնով։ Օ՜, եթե մեկն ու մեկը ծեր հորս լուր բերեր, թե դու կենդանի ես ― անգամ եթե դու Բերբերիայի ամենաթաքուն խորխորաթներում լինեիր, ― հորս հարստությունը և իմը քեզ դուրս կբերեին այնտեղից։ Օ՜, չքնաղագեղ և վեհանձն Զորաիդա, ո՜վ կվարձատրի քեզ՝ եղբորս մատուցած շնորհների համար։ Ի՜նչ երջանիկ կլինեինք մենք՝ ներկա լինելով քո հոգու վերածնությանը[184] և քո հարսանիքին։
Երկար֊երկար աուդիտորը խոսեց այս եղանակով՝ տխրած եղբորից առած լուրերից, բոլորն ունկնդրում էին նրան առանց իրենց կարեկցության զգացմունքը զսպել կարենալու։ Վերջապես քահանան, տեսնելով, որ իր ծրագիրը միանգամայն հաջողել է և որ կապիտանի ցանկությունը կատարված է, վճռեց, որ ժամանակ է նրանց ընդհանուր վիշտն ընդհատելու։ Նա վեր կացավ տեղից և, մտնելով սենյակ, որտեղ գտնվում էր Զորաիդան, բռնեց նրա ձեռքից։ Լյուսինդան, Դորոթեան և աուդիտորի աղջիկը հետևեցին նրանց։ Կապիտանն սպասում էր, թե հետո ինչ է անելու քահանան։ Վերջինս նրա ձեռքից էլ բռնեց և նրանց երկուսին տարավ այն սենյակը, որտեղ նստած էր աուդիտորը մնացած տղամարդկանց հետ։
― Սինյոր աուդիտոր, ― ասաց նա, ― այլևս լաց միք լինի։ Ձեր ցանկությունը պսակվում է աշխարհիս ամենամեծ բարիքով՝ ահա ձեր եղբայրը և բարի հարսը։ Ահա՝ կապիտան Վիեդման, ահա և չքնաղագեղ մավրիտանուհին, որ նրան այնքան բարիք է արել։ Ֆրանսիացիք, որոնց մասին ես ձեզ պատմեցի, նրանց թողել են թշվառական վիճակում, և դուք հիմա կարող եք դրսևորել ձեր բարի սրտի վեհանձնույթյունը։
Կապիտանը նետվեց, որ գրկի եղբորը, իսկ սա մի քիչ հեռու կացավ, դնելով ձեռները նրա կրծքին, որպեսզի ավելի լավ տեսնի և, ճանաչելով, այնպես ամուր գրկեց և այնքան սրտաշարժ լաց եղավ ուրախությունից, որ ներկա գտնվողներից շատերը նրա հետ լացին։ Թե ինչ ասացին եղբայրներն իրար և ինչ զգացմուքներ արտահայտեցին ― թվում է, թե, ոչ թե նկարագրել, այլ երևակայել անգամ անհնար է։ Կարճառոտ խոսքերով նրանք պատմեցին իրար իրենց կյանքից և համոզվեցին իրենց եղբայրական սիրո անփոփոխության մեջ։ Ապա աուդիտորը գրկեց Զորաիդային և առաջարկեց նրան իր տանը տանտիկին լինել։ Ապա հրամայեց, որ իր դուստրն էլ գրկի նրան։ Ապա չքնաղ քրիստոնեուհին և չքնաղագույն մավրիտանուհին նորից ստիպեցին բոլորին արտասվել։ Իսկ դոն Կիխոտը ոչ մի բան չասելով, ուշի֊ուշով հետևում էր բոլոր այս արտասովոր անցքերին և մեկնում էր նրանց իր ասպետական ցնդաբանությունների ոգով։ Որոշվեց, որ կապիտանն ու Զորաիդան աուդիտորի հետ կմեկնեն Սևիլյա, այնտեղից կհաղորդեն հորը, թե որդին փախել է գերությունից և գտնվել է և կխնդրեն, որ, եթե հնարավոր է, գա Սևիլյա, Զորաիդայի մկրտության ու հարսանիքին ներկա լինելու համար, ― որովհետև աուդիտորի համար անկարելի էր ուշանալու ճամփին, քանի որ տեղեկություն էր ստացել, թե մեկ ամսից Սևիլյայից նավատորմիղ է մեկնելու Նոր Իսպանիա և բաց թողնել այդ առիթը նրա համար ծայր աստիճան անհարմար կլիներ։
Բոլորը ուրախ և գոհ մնացին, որ գերու պատմությունը այսքան երջանիկ վախճանի հանգեց։ Մինչդեռ գիշերվա երեք քառորդն արդեն անցել էր, և որոշվեց մնացած ժամերը քնել ու հանգստանալ։ Դոն Կիխոտը ցանկություն հայտնեց պահպանել դղյակը, զգուշանալով, թե միգուցե որևէ հսկա կամ չարանենգ ոճրագործ, որի ագահությունը կարող էին գրգռել դղյակում պահված գեղեցկության մեծամեծ գանձերը, հարձակում գործի։ Դոն Կիխոտին բոլոր ճանաչողները շնորհակալություն հայտնեցին նրան և պատմեցին նրա տարօրինակությունների մասին աուդիտորին, որին մեծ զվարճություն պատճառեցին։ Միայն Սանչո Պանսան էր հուսահատված, որ բոլորն այդքան ուշ չեն պառկում քնելու և մենակ նա է մյուսներից ավելի հարմար տեղավորվել՝ մեկնվելով իր էշի սարքի վրա (մի բան, որ թանկ նստեց նրա վրա, ինչպես իր ժամանակին այդ պատմված կլինի)։ Տիկինները քաշվեցին իրենց սենյակը, տղամարդիկ տեղավորվեցին, ինչպես յուրաքանչյուրը կարողացավ, իսկ դոն Կիխոտը դուրս եկավ ճամփան, որպեսզի պահպանի դղյակը՝ համաձայն իր խոստման։
Եվ ահա, քիչ էր մնացել մինչև լուսաբաց, տիկինների ականջին հասավ մի ձայն, այնքան անուշ, հնչալուր, որ նրանք բոլորն էլ ակամա սկսեցին ականջ դնել, մանավանդ՝ Դորոթեան, որ, անկարող լինելով քնել, պառկած էր օրիորդ Կլարա դե Վիդեմայի կողքին (այդպես էր կոչվում աուդիտորի աղջիկը)։ Ոչ ոք չէր կարող կռահել, թե ով է այդքան լավ երգում՝ ձայնը հնչում էր մենակ, առանց որևէ գործիքի նվագակցության։ Մեկ թվում էր, թե բակում են երգում, մեկ՝ գոմում։ Մինչդեռ զարմացած տիկինները ուշի֊ուշով ունկնդրում էին, նրանց դռանը մոտեցավ Կարդենիոն և ասաց․
― Եթե դուք քնած չեք, ապա լսեցեք՝ երգում է ջորեպանը և, իսկապես, թովիչ է երգում։
― Այո՛, մենք լսում ենք, սինյոր, ― պատասխանեց Դորոթեան։
Կարդենիոն հեռացավ, իսկ Դորոթեան, ամբողջապես լսողություն դառած, լսեց հետևյալ երգը։
Գլուխ XLIII
Որ զրուցում է ջորեպանի հաճելի պատմությունը, պանդոկում պատահած այլ արտասովոր անցքերի հետ միասին
Ես ծովային եմ, սիրո ծովային,
Եվ փոթորկալի ծովի հոսանքում
Թափառում եմ արդ, անհույս ու նկուն,
Որևէ մի տեղ կառչել պինդ հողին։
Աստղ֊ուղեցույցով, ջրում հորդազեղ
Ես լողում եմ և տեսնում անայլայլ,
Որ միայն չքնաղ և ճաճանչափայլ
Պարինուրան է ամենից լուսեղ։
Բայց ո՞ւր է գնում ուղիս, դեպի ո՞ւր,
Չգիտեմ, բայց ես, ծովում ալեկոծ
Ձգտում եմ դեպի նա ― ամբողջ հոգով, ―
Եվ սրտով անվիշտ, և սրտով տխուր։
Եվ համեստությո՛ւնը իմ վրդովված,
Եվ քմահաճույքն իմ բարեսքող,
Ինձանից նրան, ինչպես թուղպի քող՝
Տանում եմ նրա առաջ ծավալած։
Օ՜, ճառագայթող ա՛ստըղ լուսատու՝
Լուսավորում եմ հոգով լույսդ ես,
Եթե դու մի պահ քե դեմքը ծածկես՝
Հոգուս կլինի պահըդ մահացու։
Երբ երգիչը հասավ այս տեղին, Դորոթեան խորհեց, թե պետք չէ զրկել Կլարային այդպիսի չքնաղ ձայն լսելու հաճույքից և սկսեց նրան արթնացնել, թափահարելով նրա ուսը։
― Ների՛ր, մանկիկս, ― ասաց նա, ― որ քեզ արթնացնում եմ, բայց ուզում եմ, որ դու վայելես ձայնի հնչյունները, որից ավելի սիրունը, հավանաբար, դու քո օրում այլևս չես լսի։
Կլարան զարթնեց և սկզբում, քնաթաթախ, չհասկացավ, թե ինչ է ասում Դորոթեան, և երբ որ Դորոթեան կրկին բացատրեց բանի էությունը, Կլարան սկսեց ականջ դնել։ Հազիվ էր երգի երկու տողը լսել, որ երիտասարդը շարունակում էր երգել, որ բռնվեց սաստիկ դողով, ասես թե ջերմի տենդի մեջ ընկած լիներ։ Նա ամուր հպվեց Դորոթեային և ասաց․
― Ա՜խ, հոգուս ու կյանքիս տիկինդ, ինչո՞ւ ինձ արթնացրիք։ Ինձ համար հիմա ամենամեծ բարիքը կլիներ աչք ու ականջս փակել՝ այդ դժբախտ երգչին չտեսնելու և չլսելու համար։
― Ի՞նչ ես խոսում, մանկիկս։ Ասում են, թե երգիչը ինչ֊որ ջորեպան է։
― Ոչ, նա բազմաթիվ կալվածների և իմ սրտում փոքրիկ մի անկյունի տերն է։ Նա այնքան հաստատ է տիրում իմ սրտում, որ առհավետ տեր էլ կմնա, եթե ինքը չկամենա լքել։
Դորոթեան սաստիկ զարմացավ աղջկա սահուն ոճից․ նրան թվաց, թե աղջիկը ավելի է զարգացել իր տարիքի համեմատ, ուստի ասաց․
― Սինյորա, Կլարա, այնպես բացատրեցեք, որ ես բան հասկանամ, պարզ ասացեք ինձ սրտի, կալվածների և երգչի մասին, որի ձայնը ձեզ այնպիսի շփոթմունքի մեջ է գցում, ձեր ասելն ի՞նչ կնշանակի։ Ասենք, հիմա միք խոսի, թեև ես պատրաստ եմ օգնության հասնելու ձեր տագնապին, սակայն չեմ ուզում երգչին լսելու հաճույքից զրկվել՝ նա, կարծես, նոր երգ նոր ձայնով սկսելու վրա է։
― Շատ բարի, ― պատասխանեց Կլարան, և երգը չլսելու համար երկու ձեռքով փակեց ականջները։ Դորոթեան, որին այդ բանը զարմացրեց, սկսեց ունկնդրել երգին և լսեց հետևյալը․
Ո՜վ իմ հույս ու ապավեն,
Որ անցնում ես թավուտներով, վիհերով
Ու քայլում ես վեհորեն
Քեզ կախարդող շավիղներով ծաղկաթով,
Օ՜, թող հոգիդ չսոսկա,
Որ ամեն քայլ կարող է քեզ բերել մահ։
Ծույլին բաժին չեն ընկնի
Հաղթանակներ, հաղթահանդես փառահեղ,
Նա բախտավոր չի լինի,
Ում չեն կոփել փորձությունները ահեղ,
Ով հավատ է ընծայում
Ծուլությանը, որից սիրտն է թառամում։
Ամուրն ինքն էլ շարունակ
Վայելքներն է ամեն ինչից վեր դասել,
Ամենաթանկ ու միակ
Իր գանձն է այդ, ուրիշ գանձ չի երազել։
Այդպես է միշտ աշխարհում,
Արժեք չունի, ինչ որ էժան է տրվում։
Համադրությունը սիրո
Ընդունակ է սխրանքների անհնար։
Արքայության հետ սիրո
Թող իմ ոգին մենամարտի քաջաբար,
Գիտեմ, ոգով իմ արի
Ես կհասնեմ ոլորտներին աստղերի։
Երգը վերջացավ և Կլարան նորից հեկեկաց։ Դորոթեայի հարցասիրությունը բորբոքվեց և, կամենալով իմանալ այնքան քաղցր երգի ու այնքան դառը լացի պատճառը, սկսեց հարց ու փորձ անել, թե ինչ են նշանակում Կլարայի խոսքերը։ Վերջինս, երկյուղ կրելով, թե մի գուցե Լյուսինդան լսի, ամուր գրկեց Դորոթեային և հպեց իր շուրթը նրա ականջին։ Վստահ, որ ուրիշն իրեն չի լսի, նա սկսեց այսպես․
― Այն մարդը, որ հիմա երգեց, տիրուհի, Արագոնի թագավորության մի կաբալյերոյի հարազատ զավակն է, երկու կալվածքի տիրոջ, որի տունը մայրաքաղաքում հորս տան դեմուդեմ է։ Եվ թեև հայրս ձմեռը միշտ փակում էր լուսամուտները քաթանե վարագույրներով, իսկ ամառը փայտե ցանցակերպ փեղկերով․․․ չգիտեմ, թե ինչպես եղավ՝ մի անգամ այդ երիտասարդը, որ սովորում էր դպրոցում, ինձ տեսավ ― գուցե՝ եկեղեցում, գուցե՝ այլ տեղ։ Մի խոսքով՝ նա ինձ սիրեց և սկսեց բացատրել ինձ այդ իր տան լուսամուտից զանազան և անթիվ նշանների միջոցով, և ես նրան հավատացի և նույնպես սիրեցի նրան, թեև դեռևս չգիտեի, թե նա ինձնից ինչ է ուզում։ Ի թիվս այդ նշանների, նա ուներ մի այսպիսին՝ մեկ ձեռքով բռնում էր մյուսը՝ կամենալով դրանով ցույց տալ, թե ուզում է ամուսնանալ ինձ հետ։ Ես շատ ուրախ կլինեի, եթե այդ տեղի ունենար, բայց որովհետև ես մենակ էի ապրում, առանց մորս, և մարդ չկար, որին ես բացվեի, ապա նրան ոչ մի շնորհ չէի անում, այն բացառությամբ, որ երբ հայրս տանը չէր լինում և նրա հայրն էլ էր բացակայում, ես մի քիչ բաց էի անում վարագույրը կամ փեղկերը, և նա կարողանում էր ինձ տեսնել ամբողջ հասակովս։ Նա այնպիսի թափով էր արտահայտում իր ուրախությունը, որ թվում էր, թե խելագարվելու վրա է։ Վրա հասավ հորս մեկնելու ժամանակը, և նա բանն ինձնից իմացավ, որովհետև ես նրան հաղորդելու ոչ մի հնար չունեի։ Ես լսեցի, թե նա դարդից հիվանդացել է, այնպես որ մեր մեկնելու օրը ես նրան չտեսա և անգամ հայացքով նրան հրաժեշտ չտվի։ Սակայն երկու օրվա ճամփից հետո, մոտենալով մի գյուղական իջևանի, որ այստեղից մեկ օրվա ճամփի վրա է, ես նրան տեսա դարպասի մոտ։ Նա այնքան ճարպկորեն էր ջորեպանի զգեստ հագել, որ եթե նրա պատկերը դրոշմված չլիներ իմ հոգում, անկարելի կլիներ ճանաչել։ Սակայն ես ճանաչեցի նրան, զարմացա և ուրախացա։ Նա հորիցս թաքուն նայեց ինձ։ Նա միշտ թաքնվում է հորիցս, երբ որ ճամփին կամ պանդոկում, որտեղ մենք իջևանում ենք, պատահում է մեզ։ Եվ որովհետև ես գիտեմ, թե ով է նա և հասկանում եմ, որ նա ոտով է ճամփորդում և այնպիսի դժվարություններով միմիայն սիրուց դեպի ինձ, ապա ես մեռնում եմ թախծից և աչքերով հետևում նրա յուրաքանչյուր քայլին։ Ես չգիտեմ, թե ինչ մտադրություններով է նա ուղեկցում մեզ և ինչպես է հաջողել իրեն ջերմագին սիրող հոր տնից փախչել, որովհետև նա միակ ժառանգն է և ընդհանրապես արժանի է սիրվելու, ինչպես ձերդ ողորմածությունը կհամոզվի, հենց որ տեսնի նրան։ Կավելացնեմ, որ բոլոր երգերը նա իրենից է հնարում, և նրա մասին ինձ ասել են, թե նա առաջադիմում է գիտությանց մեջ և շատ լավ բանաստեղծ է։ Այն էլ իմացեք, որ ամեն անգամ նրան տեսնելուց կամ նրա երգը լսելուց ես ամբողջ մարմնով դողում ու սարսափում եմ, որ հայրս նրան կճանաչի և կիմանա, մեր սերը։ Ես իմ օրում նրան մի խոսք ասած չկամ, այնուհանդերձ ես նրան այնքան սաստիկ եմ սիրում, որ չեմ կարող ապրել առանց նրան։ Ահա և բոլորը, տիրուհի, ինչ որ կարող եմ պատմել ձեզ երգչի մասին, որի ձայնը ձեզ այնքան հիացրել էր։ Միայն նրա երգից դուք կարող էիք կռահել, որ նա ոչ թե ջորեպան է, ինչպես ասում եք դուք, այլ կալվածների և սրտերի տեր, ինչպես ես ասացի ձեզ։
― Այդքանը բավական է, սինյորա դոնյա Կլարա, ― ընդհատեց նրան Դորոթեան՝ սփռելով նրա երեսին հազար համբյուր։ ― Կրկնում եմ, բավական է։ Սպասեցեք մինչև օրը բացվի և, հուսով եմ, մեր գործն այնպիսի ուղիով կընթանա, որ երջանիկ վախճանը կպսակի այդքան անարատ սկիզբը։
― Ա՜խ, տիրուհի, ― ասաց դոնյա Կլարան, ― ես ինչպես՞ երջանիկ վախճան հուսամ, երբ նրա հայրը այնքան ազնվատոհմ ու հարուստ է, որ ոչ միայն իր որդուն թույլ չի տա ամուսնանալ ինձ հետ, այլ թույլ չի տա վերցնել ինձ իբրև սպասուհի։ Միաժամանակ ես ոչ մի դեպքում չեմ համաձայնի պսակվել նրա հետ իմ հորիցս ծածուկ։ Ես կկամենայի, որ այդ երիտասարդը վերադառնար տուն և ինձ հանգիստ թողներ։ Թերևս անջատումը և ահագին տարածությունը, որ կփռվի մեր միջև, մի քիչ կթեթևացնեն իմ հիմիկվա տառապանքը։ Ասենք, ես լավ գիտեմ, որ իմ խորհած դեղը շատ քիչ կօգնի ինձ։ Չգիտեմ, թե ինչ սատանայի մեղքն է և որտեղից եկավ մտավ մեջս այդ սերը։ Չէ՞ որ ես էլ եմ դեռևս այնքան երիտասարդ, նա էլ։ Մենք, կարծեմ, մի տարվա ծնունդ ենք, իսկ իմ տասնվեցն էլ դեռ չի լրացել, հայրս ասում է, թե ես տասնվեց տարեկան կդառնամ սուրբ Միքայելի օրը։
Դորոթեան չկարողացավ ծիծաղը պահել՝ լսելով սինյորա Կլարայի մանկամիտ դատողությունները և ասաց․
― Հանգստացեք, սինյորա, մինչև առավոտ, կարծեմ, քիչ է մնացել, իսկ վաղը, Աստված տա, մի բան կհնարենք ― ես կաշխատեմ ձեզ համար։
Այս խոսքերից հետո նա քնեց և ողջ պանդոկն ընկղմվեց խորին լռության մեջ։ Քնած չէին միայն տանտիկնոջ աղջիկն ու Մարիտորնեսը, որոնք, ճանաչելով դոն Կիխոտի տարօրինակ բնույթը և տեսնելով, որ նա, պահակի պես, ձիով, սպառազինված պտտում է պանդոկի շուրջը, վճռել էին կատակ անել և առնվազն զվարճանալ նրա ցնդաբանություններից։
Ողջ տունը ոչ մի լուսամուտ չուներ դեպի դաշտը, բացի դարմանատան լսանցքից, որտեղից ներս էին ածում դարմանը։ Մեր երկու կիսակույսերը[185] կանգնեցին այդ լսանցքի մոտ և տեսան դոն Կիխոտին ձիու վրա, հենված նիզակին, ժամանակ առ ժամանակ այնպիսի խոր ու ցավագին հոգվոց հանելիս, որ կարծես ամեն մի հոգվոցի հետ նրա սիրտը կտրատվում էր։ Եվ լսեցին նրանք, թե ինչպես նա քաղցր ու քնքույշ ձայնով ասում էր․
― Օ՜, տիրուհիդ իմ, Դուլսինեա Տոբոսցի, սահման ամեն գեղեցկության, ծայր ու եզր իմաստության, սրամտության բուն, անոթ առաքինության, մարմնացում վայելչության և խնդության աշխարհիս երեսին։ Ի՞նչ է անում հիմա քո ողորմությունը։ Չե՞ս մտաբերում դու արդյոք պատահմամբ քեզնով գերված ասպետին, որ հոժարակամ ենթարկում է ինքն իրեն այսքան վտանգների՝ միայն, միմիայն քեզ ծառայելու համար։ Օ՜, եռադեմ լուսատու,[186] լուր բեր ինձ նրանից։ Թերևս այս րոպեիս դու նախանձով նայում ես նրա դեմքին այն միջոցին, երբ նա ման է գալիս իր շքեղ պալատի պատշգամբում, կամ թե կրծքով հենած պատշգամբի մահաջարին՝ խորհում է, թե ինչ անի, որպեսզի առանց իր մեծությունն ու պատիվը նվաստացնելու մեղմացնի ցավերը, որոնց ենթարկվում է իմ սիրտը նրա՛ պատճառով։ Եվ խորհում է նա, թե ինչ վայելքներով պսակի նա ինձ տառապանքներիս համար, ինչ հույս ներշնչի հուսահատությանս համար, ինչ կյանք տա մահվանս փոխարեն, ինչ պարգև՝ ծառայությանս համար։ Եվ դո՛ւ, արև, որ շտապում ես նժույգներդ լծես, որպեսզի արշալույսին ընդառաջ ելնես իմ տիրուհուն, աղաչում եմ՝ երբ որ նրան տեսնես, ինձնից ողջույն տուր նրան։ Սակայն ողջագուրելով նրան՝ զգուշացիր համբուրել նրա դեմքը, թե չէ ես կխանդեմ ավելի, քան դու էիր խանդում արագոտն ու անզգա կույսին, որի ետևից քրտնաթոր վազ էիր տալիս Թեսսալիայի տափարակներով կամ Պենե՛ոյի ափերով (հաստատ չեմ հիշում, թե որ տեղում), սիրահարված ու խանդոտ։[187]
Երբ որ դոն Կիխոտը հասավ իր սրտառուչ ճառի այդ տեղին, տանտիկնոջ աղջիկը նրան կամացուկ կանչեց ու ասաց․
― Բարի եղեք, ձերդ ողորմածություն, այստեղ գալ։
Դոն Կիխոտը գլուխը դարձրեց նրա ձայնին և լուսնի լույսով, որ ողողել էր շուրջը իր փայլով, տեսավ, որ մեկն իրեն կանչում է լսանցքից (լսանցքն էլ նրան մեծ լուսամուտ թվաց՝ ոսկեջրած վանդակով պատած, ինչպես լինում են հարուստ դղյակներում, որովհետև, ինչպես մենք գիտենք, նա պանդոկը դղյակի տեղ էր դնում) և նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ ինչպես և անցյալ անգամ, թե դղյակի տիրուհու չքնաղ դուստրը, կրքով բռնված, դարձյալ նրա սերն է հայցում։ Այդպես խորհելով և չկամենալով, որ իրեն անուշադիր կամ անքաղաքավարի համարեն, նա շուռ տվեց Ռոսինանտի գլուխը, մոտեցավ լուսանցքին և, դիմելով աղջիկներին, ասաց․
― Շատ ցավում եմ, սիրունագեղ սինյորա, որ դուք ձեր միտքը դարձրել եք մի մարդու վրա, որը չի կարող ձեզ չպատասխանել այնպես, ինչպես արժանի է ձեր սիրալիրությանն ու մեծամեծ արժանիքներին։ Սակայն դուք չպիտի մեղադրեք դժբախտ թափառական ասպետին, որովհետև սերը թույլ չի տալիս նրան ծառայել ոչ ոքի, բացի տիկնոջից, որ այն վայրկյանից, որ նրան տեսավ իր աչքերով, ― իր սրտի ինքնիշխան տիրուհին դառավ։ Ներեցեք ինձ, բարի սինյորա, հեռացեք ձեր սենյակը և միք հայտնի այլևս ինձ ձեր զգացմունքը, որովհետև այլ կերպ դուք ինձ հարկադրած կլինեք ավելի մեծ անքաղաքավարություն ցուցադրելու։ Սակայն եթե, չնայած ձեր սիրուն դեպի ինձ, կարող եմ որևէ այլ բանով, բացի սիրուցն իսկ, բավարարել ձեր ցանկությունը, ներեցեք ինձ և, երդվում եմ իմ բացակա քնքուշ թշնամու անունով, ես անհապաղ կկատարեմ ձեր խնդիրքը, անգամ եթե դուք ինձնից Մեդուզայի մազերից մի հյուս ուզենալու լինեք, որ հյուսված լիներ օձերից կամ թե սրվակի մեջ ներփակված արևի ճառագայթներ։
― Ոչ մի դրա պես բան իմ տիրուհուն պետք չէ, սինյոր ասպետ, ― ընդհատեց նրան Մարիտորնեսը։
― Իսկ ի՞նչ է պետք ձեր տիրուհուն, պարկեշտ տիկին, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Նա միայն խնդրում է, որ դուք մեկնեք իրեն ձեր գեղեցիկ ձեռներից մեկը, ― պատասխանեց Մարիտորնեսը, ― որովհետև նրան քսվելը կհանգստացնի կիրքը, որ դրդել է նրան, վտանգի ենթարկելով պատիվը, երևալ այս լուսամուտից։ Չէ՞ որ եթե նրա հայրը իմանա նրա վարմունքի մասին, առնվազն նրա ականջը կկտրի։
― Տեսնեմ, թե ինչպես կանի՜, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Եթե նա հանդգնի այդ անել, ապա նրան վրա կհասնի այնպիսի ցավալի վախճան, որ մինչև օրս իր սիրասուն դստեր քնքուշ անդամների վրա ձեռք բարձրացնել խիզախող ո՛չ մի հոր գլխին եկած չի եղել։
Մարիտորնեսն, համոզվելով, որ դոն Կիխոտն իր խնդիրքը կկատարի և ձեռքը կմեկնի, իսկույն գլխի ընկավ, թե ինչ պիտի անի։ Նա ցած իջավ, վազեց գոմը, այնտեղից վերցրեց Սանչո Պանսայի էշի նոխտան և սաստիկ արագությամբ վերադարձավ այն րոպեին, երբ դոն Կիխոտը, երկու ոտով Ռոսինանտի թամքի վրա կանգնելով, ձգվել֊հասել էր վանդակապատ լուսամուտին, որի ետևը, ինչպես նա երևակայում էր, նստած էր սիրուց խոցված աղջիկը և արդեն մեկնել էր իր ձեռքն ու ասում․
― Ընդունեցեք, սինյորա, այս ձեռքը, կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, աշխարհիս բոլոր չարագործների այս խարազանը։ Կրկնում եմ՝ ընդունեցեք ձեռքը, որին դեռևս ոչ մի կին դիպած չկա, անգամ նա, որ անբաժան տիրում է իմ ամբողջ էությանը։ Ես նրա համար չեմ մեկնում ձեզ, որ դուք համբուրեք, ― ո՛չ․ նայեցեք ջիլերի հյուսվածքին, մկանունքների կազմվածքին, նրա երակների հաստությանն ու ամրությանը։ Ինքներդ դատեցեք՝ ի՜նչ ուժ պիտի ունենա այդպիսի թաթ ունեցող ձեռքը։
― Իսկույն մենք այդ կտեսնենք, ― պատասխանեց Մարի Տորնեսը։ Նոխտայի մեկ ծայրը հանգույց կապելով, նա գցեց դոն Կիխոտի ձեռքին, ապա, լսանցքից դեն վազելով, մյուս ծայրը կապեց դարմանատան դռան փակիչից։ Ցավ զգալով ձեռքը սեղմող թոկից՝ դոն Կիխոտն ասաց․
― Ինձ թվում է, թե ձերդ ողորմածությունը ոչ թե շոյում է իմ ձեռքը, այլ քերիչ է քսում։ Այդպես դաժան միք վարվի։ Ձեռքս մեղավոր չէ, որ իմ սառնությունը ձեզ ցավ է պատճառում։ Պետք չէ ձեր ողջ զայրույթը թափեք իմ մարմնի այդքան փոքր մասի վրա։ Իմացած եղեք, որ ով սիրում է, նա չպիտի այդքան խիստ վրեժխնդիր լինի։
Սակայն դոն Կիխոտի խոսքերը լսող չկար, որովհետև հենց որ Մարիտորնեսը նրան կապեց, երկու աղջիկն էլ փախան ծիծաղից մեռնելով և թողեցին նրան այնպիսի դրության մեջ, որ ազատվելու հնար չկար։
Ինչպես մենք ասացինք, մեր ասպետը ողջ հասակովը մեկ կանգնած էր Ռոսինանտի վրա, ձեռքը կոխած լսանցքի մեջ, որ նոխտայով կապված էր դռան փակիչից։ Նա ահ ու դողի մեջ էր, որովհետև Ռոսինանտի թեթև շարժումից դեպի աջ կամ ձախ կողմը նա կախ կընկներ մեկ ձեռքի վրա, ուստի նա զգուշանում էր շարժվելուց և հույսն այն էր, որ Ռոսինանտը այնքան հանգիստ ու համբերատար է, որ կարող է դարերով անշարժ կանգնած մնալ։ Վերջապես, գլխի ընկնելով, որ իրեն կապել են և տիկինները գնացել, նա երևակայեց, թե այդ անցքում դարձյալ կախարդության մատը խառն է, ինչպես անցյալ անգամ, երբ որ նույն այս դղյակում նրան ջարդեց մի մավր, որ հրաշալի կերպով կերպարանափոխ եղավ և ջորեպան դառավ։ Դոն Կիխոտը սկսեց անիծել հապճեպությունն ու անխոհեմությունը՝ ինչո՞ւ է իջևանել երկրորդ անգամ մի դղյակում, երբ որ առաջին իսկ անգամը նա այնքան ցավալի դրության մեջ դուրս եկավ այնտեղից։ Չէ՞ որ թափառական ասպետության կանոնադրության մեջ ասված է, թե եթե որևէ ասպետի արկածն անհաջող է ավարտվում, ապա դա կնշանակի, որ ուրիշի համար է նախորոշված եղել և, հետևաբար, կարիք չկա այդ գործին նորից ձեռնամուխ լինել։ Խորհելով այդ՝ նա շարունակ քաշ էր տալիս ձեռքը՝ աշխատելով արձակել, բայց այնքան ամուր էր կապած, որ նրա բոլոր ճիգերը ապարդյուն անցան։ Ճիշտ է, նա ձեռքը զգույշ էր քաշում վախենալով, թե միգուցե Ռոսինանտը տեղից շարժվի։ Եվ թեպետ նա շատ կուզենար իջնել և նստել թամքին, բայց պետք է կամ կանգնած մնար կամ պոկեր ձեռքը։
Նա սկսեց երազել Ամադիսի թրի մասին, որի դեմ անզոր են բոլոր կապքի խոսքերը։ Նա սկսեց անիծել իր բախտը։ Սկսեց դարդ անել այն վնասի համար, որ կհասնի աշխարհին իր բացակայության ժամանակ, և երբ նա կախարդված անց կկացնի այստեղ (իսկ որ նա կախարդված էր ― հաստատ համոզված էր)։ Նորից սկսեց մտաբերել իր սիրեցյալ Դուլսինեա Տոբոսցուն։ Սկսեց կանչել իր բարի զինակիր Սանչո Պանսային, որ այդ միջոցին, մեկնված էշի փալանի վրա, այնպիսի խոր քուն էր մտել, որ չէր հիշում նույնիսկ մորը, որ իրեն աշխարհ էր բերել։ Սկսեց կոչ անել իմաստուն Լիրզանդեոյի և Ալկիֆեի օգնության։ Իսկ երբ վերջապես առավոտը բացվեց, դոն Կիխոտն այնքան հուսահատվեց ու շշմեց, որ եզան պես բառաչեց, որովհետև այլևս հույս չուներ, որ լույսը բացվելուց հետո իր աղետը կավարտվի։ Նրան թվում էր, թե սաստիկ կախարդված է, և նրա տառապանքը կտևի առհավետ։ Այդ համոզումը նրա մեջ զորանում էր այլև այն պատճառով, որ Ռոսինանտը ամբողջ այդ ժամանակի ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ չերերաց և ահա, խորհում էր նա, վիճակվում է իրե՛ն էլ, ձիո՛ւն էլ այսպես կանգնած մնալ, առանց ուտելու, խմելու, քնելու, մինչև որ համաստեղությունների չար ազդեցությունը վերջանա կամ մինչև որ մի ուրիշ, ավելի իմաստուն կախարդ իրեն կախարդաթափ անի։
Սակայն նա չարաչար սխալվում էր իր ենթադրություններում, որովհետև հենց որ լույսն սկսեց բացվել, իջևան եկան չորս ձիավոր՝ լավ հագնված, կարգ ու սարքը տեղը, թամքերի առջևից պատրույգավոր հրացան կախած։ Պանդոկի դուռը դեռ փակ էր, և եկվորներն սկսեցին ամուր բախել։ Դոն Կիխոտը, որ այնուհանդերձ շարունակում էր պահակի պարտականություն կատարելը, տեսավ նրանց և բարձր ու զայրացած ձայնով բղավեց․
― Ասպետնե՛ր, զինակիրնե՛ր, կամ ով որ եք, դադարեցեք այս դղյակի դուռը թակելուց։ Պարզ չէ՞ միթե ձեզ համար, որ այս վաղորդյան ժամին բնակիչները դեռ քնած են և որ ամրոցների դարպասները սովորաբար բացվում են ոչ առաջ, քան արևը սփռում է իր ճառագայթները երկրի վրա։ Գնացե՛ք և սպասեցե՛ք մինչև օրը բացվի, այն ժամանակ մենք կտեսնենք՝ պե՞տք է ձեզ ներս թողնել, թե՞ ոչ։
― Այս ի՞նչ սատանայի ամրոց կամ դղյակ է, ― ասաց ձիավորներից մեկը, ― և ի՞նչ արարողություններ կարող են լինել այստեղ։ Եթե դուք իջևանի տերն եք, կարգադրեցեք, որ դուռը բաց անեն, մենք ճամփորդներ ենք, պետք է ձիերին գարի տանք և շարունակենք մեր ուղին, մենք շատ շտապում ենք։
― Մի՞թե ձեզ, կաբալյերո, թվում է, թե ես նման եմ իջևանի տիրոջ, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Չգիտեմ, ումն եք նման, ― պատասխանեց ձիավորը, ― միայն գիտեմ, որ դատարկ բաներ եք դուրս տալիս՝ պանդոկը դղյակ անվանելով։
― Այո՛, սա դղյակ է, ― ասաց դոն Կիխոտը, ― այն էլ այս վայրերում լավագույններից մեկը, մեջն էլ մարդիկ կան, որ ձեռքին գայիսոն են կրել և գլխին թագ դրել։
― Ավելի լավ կլիներ, ― պատասխանեց ճամփորդը, ― ընդհակառակ՝ եթե գայիսոնը գլխին լիներ, իսկ թագը՝ ձեռին։[188] Ըստ երևույթին, այդտեղ պարզապես դերասանական խումբ կա, որ, ինչպես հայտնի է, հաճախ թագ է ունենում, գայիսոն էլ, որովհետև ես չեմ կարծում, որ այսպիսի փոքրիկ, խորին լռության մեջ ընկղմված մի պանդոկում թագ ու գայիսոնի արժանի մարդիկ գիշերելիս լինեն։
― Վատ եք ճանաչում աշխարհս, ― առարկեց դոն Կիխոտը, ― եթե ձեզ անհայտ են թափառական ասպետներին պատահող արկածները։
Դոն Կիխոտի հետ խոսակցության բռնված ձիավոր ուղեկիցների զահլան վերջապես գնաց այդ վեճից, և նրանք նորից սկսեցին այնքան կատաղի դուռը բախել, որ պանդոկում բոլորը զարթնեցին, և տերը դուրս եկավ իմանալու, թե ով է դուռը թակում։ Այդ միջոցին ձիվորների չորս ձիերից մեկը մոտեցավ և սկսեց հոտոտել Ռոսինանտին, որ ականջները կախ արած, տխուր ու մտազբաղ և անշարժ պահում էր իր կախ ընկած տիրոջը։ Սակայն թեև նա փայտ էր թվում, այնուամենայնիվ, նրա երակներում արյուն էր հոսում։ Նա անզգա չմնաց փաղաքշանքին և իր հերթին ձգվեց, բարեկամին հոտոտելու համար։ Սակայն հենց որ նա թեթև շարժում արեց, դոն Կիխոտի ոտները տեղաշարժ եղան և սահեցին թամքից, այնպես որ նա գետին կթրմփար, եթե կախ ընկած չմնար նոխտայից։ Նա իսկույն սարսափելի ցավ զգաց, ասես թե նրա թաթը կտրելիս լինեին կամ թե ձեռքը պոկելիս՝ ուսից։ Նա այնքան մոտիկ էր կախվել գետնից, որ ոտով դիպչում էր, բայց դրանից ավելի վատ էր՝ որովհետև, տեսնելով, որ կարող է ողջ ոտով կանգնել գետնի վրա, նա բոլոր ուժով աշխատում էր հասնել գետնին այն մարդկանց պես, որոնց տանջում են իր առանցքի շուրջը պտտող գործիքով, երբ որ նրանք, աշխատելով ձգվել, ավելացնում են իրենց տանջանքը, որովհետև նրանց խաբում է ոտներով գետնին հասնելու հույսը։
Գլուխ XLIV
Պանդոկում ունեցած անլուր անցքի շարունակությունը
Դոն Կիխոտն այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ պանդոկապետը արագ֊արագ դարպասը բաց անելով, ահով բռնված վազեց իմանալու, թե որտեղից են գալիս այդ աղաղակները։ Նրան հետևեցին հյուրանոցի առջև կանգ առած մարդիկ։ Մարիտորնեսը, զարթնելով այդ գոռգոռոցից, գլխի ընկավ բանի էությունը, վազ տվեց դարմանատուն և ամենքից թաքուն քակեց նոխտան, որից կախ էր ընկել դոն Կիխոտը։ Վերջինս պանդոկապանի և ճամթորդների աչքի առջև թրմփաց գետին։ Բոլորը շրջապատեցին նրան և սկսեցին հարց ու փորձ անել, թե ինչ է եղել նրան և ինչու է նա այդքան սաստիկ գոռում։ Մեր ասպետը առանց բառ անգամ պատասխանելու բաց արեց հանգույցը ձեռքից, ոտի կանգնեց, թռավ Ռոսիսնանտի վրա, ծածկվեց վահանով, նիզակը ճոճեց և, բավական տարածություն հեռանալով վազքի համար, ձին խաղցնելով վերադարձավ և ճչաց․
― Ով որ ասի, թե ինձ կախարդելը արդարացի բան է, ես իմ Միկոմիկոնի իշխանուհի֊տիրուհուս թույլտվությամբ կհայտարարեմ ստասաց, պատասխանատվության կկոչեմ և կկանչեմ մենամարտի։
Դոն Կիխոտի այս խոսքերը շատ զարմացրին նորեկներին։ Սակայն նրանց զարմանքն անցավ, երբ որ պանդոկպանը բացատրեց նրանց դոն Կիխոտի ով լինելը և խորհուրդ տվեց, որ ուշ չդարձնեն նրա վրա, որովհետև նա խելագար է։ Նրանք պանդոկպանից հարցրին՝ չի՞ իջևանել արդյոք պատահմամբ այս հյուրանոցում տասնհինգ տարեկան, ջորեպանի զգեստով մի տղա։ Նրանք հաղորդեցին դոնյա Կլարայի երկրպագուի բոլոր նշանները։ Պանդոկպանը պատասխանեց, թե հիմա այնքան շատ կենվոր ունի, որ չի հիշում նրանց հարցրած մարդը կա՞ նրանց մեջ, թե՞ չէ։ Այդ միջոցին ձիավորներից մեկը նկատեց կառքը, որով եկել էր աուդիտորը, և ասաց․
― Դե, իհարկե, նա պետք է այստեղ լինի, ահա՛ կառքը, որին, ինչպես մեզ ասում էին, նա հետևում էր։ Թող մեզնից մեկն ու մեկը դարպասի առջև կանգնի, իսկ մնացածները ներս մտնեն և որոնեն, իսկ ավելի լավ կլինի, եթե մեզնից մեկն ու մեկն էլ պտտի հյուրանոցի շուրջը, որովհետև նա կարող է պատի պարսպից դուրս թռչել ու փախչել։
― Ամեն ինչ կկատարվի, ― պատասխանեց ձիավորը։
Նրանցից երկուսը մտան պանդոկը, երրորդը մնաց դարպասի առջև, իսկ չորրորդը սկսեց պտտել հյուրանոցի շուրջը։ Պանդոկպանը նայում էր նրանց և գլխի չէր ընկնում ի՞նչ նպատակով են նրանք անում այդ ամենը, թեև շատ լավ ըմբռնում էր, որ որոնում են երիտասարդի, որի նշաններն իրեն նկարագրել են։
Այդ միջոցին լույսը բոլորովին բացվել էր և արևի ճառագայթներն ու դոն Կիխոտի հարուցած իրարանցումը արթնացրին կենվորներին, որոնք սկսեցին վեր կենալ։ Ամենից շուտ դոնյա Կլարան ու Դորոթեան վեր կացան՝ մեկը հուզված էր, որ իր սիրեցյալն այդքան մոտիկ է, մյուսը իրենը շուտով տեսնելու ցանկությամբ էր վառված, ուստի երկուսն էլ գիշերս վատ էին քնել։ Դոն Կիխոտը, տեսնելով, որ ձիավորներից և ոչ մեկն իր վրա ուշադրություն չի դարձնում և չի ընդունում իր մարտակոչը, տհաճությունից ու կատաղությունից իրեն ուտում էր, և եթե իր ասպետական ուխտի կանոնադրության մեջ նա կարողանար գտնել մի կետ, որ թույլատրում է թափառական ասպետին արիանալ և նետվել նոր քաջագործությունների մեջ, չնայած իր խոստմանը՝ հեռու կենալու, մինչև որ ավարտի նախապես ձեռնարկած գործերը, նա, անշուշտ, կհարձակվեր նրանց վրա և կստիպեր կամա֊ակամա մարտակոչն ընդունել։ Սակայն նրան անվայել էր թվում և անարժան նոր ձեռնարկ սկսելը, քանի Միկոմիկոնի իշխանուհին դեռ չի գրավել իր գահը, ուստի նա հարկադրվեց լռել, հանգստանալ և սպասել, թե նորեկների խնամքով կատարվող խուզարկությունն ինչով կվերջանա։ Վերջապես նրանցից մեկը գտավ որոնած երիտասարդին, որ քնած էր մի ուրիշ ջորեպանի կողքին և որի մտքիցն էլ չէր անցնում, թե իրեն որոնում են, առավել ևս, որ կարող են գտնել։ Գտնողը, բռնեց նրա թևից և ասաց․
― Ճշմարիտ խոսք, սինյոր դոն Լուիս, ձեր շորը միանգամայն համապատասխանում է ձեր դիրքին, և քնատեղը, որտեղ գտա ձեզ, միանգամայն համապատասխանում է այն փարթամության, որի մեջ ձեզ դաստիարակել է ձեր մայրը։
Երիտասարդը տրորեց քնաթաթախ աչքերը, երկար նայեց իր ձեռքը բռնողին և, վերջապես ճանաչելով իր հոր ծառային, այնքան վախեցավ, որ երկար ժամանակ չէր կարողնում բառ անգամ արտասանել։ Այնինչ ծառան շարունակում էր․
― Սինյոր դոն Լուիս, ձեզ այլ բան չի մնում, քան զինվել համբերությամբ և վերադառնալ տուն, եթե ձերդ ողորմածությունը չի կամենում, որ ձեր հայրը՝ իմ տերը, այն աշխարհը գնա, որովհետև ձեր չքանալը նրան այնպիսի սուգի մեջ է գցել, որ այլ վախճան չի կարող լինել։
― Բայց հայրս ի՞նչ գիտի, ― հարցրեց դոն Լուիսը, որ ես այս կողմն ու այս զգեստով եմ գնացել։
― Մի դպրոցական, որին դուք բաց եք արել ձեր ծրագիրը, ― հաղորդեց ծառան, ― տեղեկություն տվեց՝ խճալով ձեր հուսահատ հորը, և իմ տերը իսկույն իր ծառաներից չորսին ուղարկեց, որ վրա հասնեն ձեզ։ Մենք բոլորս այստեղ ենք և սպասում ենք ձեր հրամանին։ Մեր ուրախությունն աննկարագրելի է, երբ խորհում ենք, թե որքան երջանիկ է լինելու ձեր հայրը, երբ որ մենք բերենք նրա ջերմագին սիրած որդուն։
― Կլինի այնպես, ինչպես ես կկամենամ կամ ինչպես կհրամայի երկինքը։ Դուք պետք է համաձայնեք վերադառնալ, ուրիշ ոչինչ չի կարող լինել։
Դոն Լուիսի կողքին քնած ջորեպանը, լսելով այս խոսակցությունը, վեր կացավ ու վազ տվեց, որ պատմի դոն Ֆերնանդոյին, Կարդենիոյին ու մնացածյալներին, որ այդ միջոցին արդեն հագնվել֊պրծել էին։ Նա հաղորդեց խոսակցության բովանդակությունը և ասաց, որ անծանոթը երիտասարդին դոն էր անվանում և ուզում է նրան տանի տուն, իսկ նա չի համաձայնում։ Այդ ամենը ներկա գտնվողների մոտ ցանկություն հարուցեց ավելի մոտ ճանաչել երիտասարդին, որին երկինքն այդքան սիրուն ձայն էր շնորհել և օգնելու նրան, եթե անծանոթները նրա վրա բռնանալու լինեն։ Նրանք շտապեցին նրա մոտ և տեսան, որ նա դեռևս խուսում ու վիճում է իր ծառայի հետ։ Այդ միջոցին սենյակից դուրս եկավ Դորոթեան, իսկ նրա ետևից՝ հուզված Կլարան, և Դորոթեան մի կողմ կանչելով Կարդենիոյին, կարճառոտ արեց նրան դոնյա Կլարայի և երգչի պատմությունը, իսկ սա, իր հերթին, հաղորդեց երիտասարդին որոնելու ուղարկված ծառաների գալստյան մասին։ Սակայն ինչքան էլ ցածր ձայնով խոսելու լիներ նա, դոնյա Կլարան դարձյալ լսեց և այնպիսի շփոթմունքի մեջ ընկավ, որ եթե Դորոթեան նրան բռնած չլիներ, կընկներ գետին։ Կարդենիոն խորհուրդ տվեց, որ Դորոթեան տանի աղջկան սենյակ՝ խոստանալով ամեն ինչ հարթել, և նրանք հնազանդեցին նրան։
Դոն Լուիսի ետևից եկած չորս ձիավորներն էլ ներս էին մտել պանդոկը և, շրջպատելով երիտասարդին, համոզում էին նրան անհապաղ վերադառնալ՝ հորը մխիթարելու համար։ Իսկ նա պատասխանում էր, թե ոչ մի կերպ չի կարող անել, մինչև որ մի գործ չավարտի, որից կախված են նրա պատիվը, կյանքն ու հոգին։ Իսկ ծառաները պնդում էին, ասելով, որ առանց նրան ոչ մի դեպքում չեն վերադառնա և կտանեն նրան հետները՝ ուզենա նա, թե չուզենա։
― Այդ դուք չեք անի, ― ասաց դոն Լուիսը, ― թերևս կարողանաք տանել իմ դիակը, որովհետև ինձ այստեղից տանել, կնշանակի՝ զրկել կյանքից։
Հյուրանոցի բոլոր կենվորները հավաքվեցին այդ վեճի վրա, նրանց թվում Կարդենիոն, դոն Ֆերնանդոն, նրա ուղեկիցները, աուդիտորը, քահանան, դալլաքը և դոն Կիխոտը (որովհետև վերջինս որոշել էր, որ այլևս դղյակը պաշտպանելու կարիք չկա)։ Կարդենիոն, տեղյակ լինելով երիատասարդի պատմությանը, հարցրեց ծառաներից, ինչո՞ւ են նրան ուզում բռնի տանել։
― Մենք ուզում եք այս կաբալյերոյի հորը վերադարձնել կյանքը, ― պատասխանեց չորսից մեկը, ― որովհետև որդու բացակայությունը նրան կարող է մահ պատճառել։
Դոն Լուիսը դրան առարկեց․
― Իմ անձնական գործերի մասին այստեղ խոսելն ավելորդ է։ Ես ազատ եմ և կամենամ կվերադառնամ, չեմ կամենա՝ ձեզնից ոչ մեկը չի հանդգնի հարկադրել ինձ։
― Ձերդ ողորմածություն, խոհեմությունը կհարկադրի, ― պատասխանեց ծառան, ― իսկ եթե ձերդ ողորմածության խոհեմությունը պակասի, մերը հերիք կլինի, որպեսզի անենք այն, ինչ որ հրամայում է մեզ պարտականությունը։
― Պետք է պարզել՝ ինչո՞ւմն է բանը, ― ասաց աուդիտորը։
― Մի՞թե, ձերդ ողորմածություն, սինյոր աուդիտոր, չեք ճանաչում այս կաբալյերոին, ձեր հարևանի որդուն։ Նա փախել է հոր տնից իր կոչման անհամապատասխան շորով, ինչպես ձերդ ողորմածությունը կարող է իր աչքերով համոզվել։
Աուդիտորը նայեց երիտասարդին ավելի ուշադիր և ճանաչելով գրկեց նրան՝ ասելով․
― Այս ի՞նչ երեխայություն է, սինյոր դոն Լուիս։ Ի՞նչ կարևոր պատճառներ են դրդել ձեզ ճամփա ընկնելու մի շորով, որ այնքան քիչ է վայելում ձեր կոչմանը։
Երիտասարդի աչքերից արցունք ցայտեց, և նա աուդիտորին չկարողացավ մի բառ անգամ պատասխանել։ Աուդիտորը հրամայեց ծառաներին հանգիստ մնալ՝ երաշխավորելով, որ ամեն ինչ լավ կվերջանա, ապա, բռնելով դոն Լուիսի ձեռքից, նրան տարավ մեկուսի և հարցրեց, թե ի՞նչ կնշանակի նրա երևան գալն այս կողմերում։ Այն միջոցին, երբ նա մանրամասն հարց ու փորձ էր անում, պանդոկի դարպասի մոտ աղմուկ բարձրացավ։ Պանդոկում գիշեր անցկացրած կենվորներից երկու հոգի, նկատելով, որ բոլորը զբաղված են նորեկ չորս ձիավորների գործով, որոշել էին ծլկվել առանց գիշերելու համար վճարելու։ Սակայն պանդոկպանը, որի համար իր շահերը ավելի թանկ էին, քան ուրիշներինը, բռնել էր նրանց դարպասի մոտ և վարձ էր պահանջում, հայհոյելով նրանց այնպիսի հիշոցներով, որ սրանք, ի պատասխան, մուշտակռիվ էին սկսել և այնպես էին ծեծում նրան, որ խեղճը գոռում և օգնության էր կանչում։ Պանդոկպանի կինն ու ուղջիկը մարդ չէին տեսնում, որ զբաղված չլիներ և խեղճին օգնության հասներ, բացի դոն Կիխոտից, ուստի աղջիկը դիմեց նրան հետևյալ խոսքերով․
― Ձերդ ողորմածություն, սինյոր ասպետ, եթե Աստված ձեզ օժտել է ուժով, ապա օգնեցեք խեղճ հորս, որին այս չարագործները այնպես են ծեծում, կարծես աղուն են աղում։
Դոն Կիխոտը դրան դանդաղ ու ծանր պատասխանեց․
― Չքնաղ աղջիկ, ներկայիս ես ի վիճակի չեմ ձեր խնդիրքը կատարելու, որովհետև ես իրավունք չունեմ նոր արկածների ձեռնամուխ լինելու, մինչև որ չավարտեմ այն, ինչին պարտադրում է ինձ տվածս խոսքը։ Սակայն ձեզ շահասիրած լինելու համար ես կարող եմ անել հետևյալը՝ վազ տվեք և ասացեք ձեր հորը, որ նա, ինչքան կարելի է, խիզախ կռվի և ոչ մի դեպքում անձնատուր չլինի, իսկ ես այդ միջոցին Միկոմիկոնի իշխանուհուց թույլտվություն կխնդրեմ նրան օգնելու, այդ դժբախտության մեջ։ Եթե իշխանուհին թույլ տալու լինի, դուք կարող եք համոզված լինել, որ ես նրան կազատեմ։
― Վա՜յ մեզ, մեղավորմերիս, ― բացականչեց Մարիտորնեսը, որ կանգնած էր մոտիկ։ ― Ախր, մինչև որ ձերդ ողորմածությունն այդ թույլտվությունն ստանա, իմ տերն արդեն այն աշխարհում կլինի։
― Միայն թե, տիրուհի, այդ թույլտվությունն ստանամ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― միևնույն է, այս աշխարհում լինի ձեր տերը, թե այն աշխարհում՝ ես նրան այնտեղից էլ ետ կբերեմ, անգամ եթե ամբողջ այն աշխարհը իմ դեմ դուրս գալու լինի, կամ թե չէ, առնվազն այնպես վրեժխնդիր կլինեմ նրանց, ովքեր նրան այդտեղ ուղարկեցին, որ դուք միանգամայն բավարարված կլինեք։
Այս խոսքերով նա մոտ վազեց և ծունկ չոքեց Դորոթեայի առջև և սկսեց խնդրել նորին մեծությունից ասպետական և թափառական ոճով, որ հաճի իրեն արտոնություն շնորհել օգնելու դղյակի տիրոջը, որ ներկայիս դժնակ մարտի մեջ է։ Իշխանուհին սիրով տվեց իր համաձայնությունը և, դոն Կիխոտը, ծածկվելով վահանով, թուրը քաշեց, իսկույն դիմեց դեպի պանդոկի դարպասը, որտեղ երկու կենվորները շարունակում էին ջարդ ու բուրդ անել պանդոկպանին։ Սակայն մոտենալով, նա կանգ առավ և տեղն ու տեղը քարացավ, թեև Մարիտորնեսն ու պանդոկպանի կինը աղաչում էին, որ նա չհապաղի և շուտով օգնի մեկի՝ ամուսնուն, մյուսի՝ տիրոջը։
― Ես դանդաղում եմ այն պատճառով, ― ասաց դոն Կիխոտը, ― որ վայել չէ ինձ սուր բարձրացնել ստոր կարգի մարդկանց դեմ։ Կանչեցեք իմ զինակիր Սանչոյին, որովհետև նման դեպքերում նրան է արժան և վայել պաշտպանել և վրիժառու լինել։
Ահա թե ինչ էր կատարվում պանդոկի դարպասի մոտ, ծեծ ու հարվածները թափվում էին չարաղետ պանդոկպանի վրա և շեշտակի հասնում նպատակին՝ սաստկացնելով Մարիտորնեսի, տանտիկնոջ ու նրա աղջկա կատաղությունն ու հուսահատությունը։ Նրանք ճաքում էին, տեսնելով, թե ինչպես դոն Կիխոտը երկնչում է, մինչդեռ նրանց տերը, ամուսինն ու հայրը վատ օրի է։ Սակայն թողնենք նրան հանգիստ (հուսանք, որ մեկն ու մեկը նրան կօգնի, իսկ եթե ոչ, ապա թող համբերի ու լռի՝ ով որ իր ուժերն առանց հաշվի առնելու կռվի մեջ է խցկվում, տեղն է), ետ գնանք մի հիսուն քայլ և լսենք, թե ինչ պատասխանեց դոն Լուիսը աուդիտորին։ Մենք վերջիններիս հետ բաժանվեցինք այն րոպեին, երբ աուդիտորը հարցնում էր երիտասարդից այդքան անվայելուչ հագուստով ճամփորդելու պատճառը։ Դոն Լուիսը, ի պատասխան, ամուր բռնեց նրա ձեռքերը, կարծես թե դրանով կամենալով ցույց տալ, թե իր սրտին մեծ դարդ ունի և, արցունքի հեղեղ թափելով ասաց․
― Տեր իմ, խոստովանում եմ, որ այն րոպեից, ինչ երկինքը կամեցավ, իսկ հարևանությունը ձեզ հետ թույլ տվեց , որ ես տեսնեմ դոնյա Կլարային, ձեր դստեր և իմ տիրուհուս, այն իսկ վայրկյանից նա դարձավ իմ սրտի իշխանուհին։ Եվ եթե դուք՝ իմ ճշմարիտ հայրը և տերը, չհակառակեք, նա այսօր իսկ կդառնա իմ ամուսինը։ Նրա համար ես լքեցի հորս տունը, նրա համար հագա այս զգեստը, որպեսզի հետևեմ նրան, ուր էլ գնալու լինի նա, ինչպես նետը, որ հետևում է իր նպատակին, ինչպես ծովագնացը, որ հետևում է կողմնացույցին։ Իմ սիրո մասին նա ոչինչ չգիտի, եթե միայն մի քանի անգամ հեռվից տեսնելով աչքերիս արցունքը, նա չի կռահել, որ ես իրեն սիրում եմ։ Ձեզ հայտնի է, տեր իմ, իմ ծնողների ազնիվ ծագումն ու հարստությունը, դուք գիտեք նույնպես, որ ես միակ ժառանգն եմ։ Եթե այս երջանիկ հանգամանքները բավական են, որպեսզի դուք վճռեք ինձ լիովին երջանկացնել, ապա, անհապաղ անվանեցեք ինձ ձեր որդին և, եթե իմ հայրը, դրդված այլ մտադրություններից, չկամենա գնահատել այն գանձը, որ ես գտել եմ, ապա մտաբերեցեք, թե ժամանակը, որ ամեն ինչ քանդում է և ամեն բան փոխում, մարդկային ցանկություններից ուժեղ է։
Այդ ասելուց հետո սիրահարված երիտասարդը լռեց, մինչդեռ աուդիտորը մնացել էր շփոթված, շվար ու մոլոր՝ զարմացած խելացիությունից, որով դոն Լուիսը բաց արեց նրա առջև իր զգացմունքը և չիմանալով, թե ինչպես վարվի այդ հանկարծակի և անակնկալ գործում։ Ուստի պատասխանի փոխարեն նա դոն Լուիսից խնդրեց, որ հանգստանա և համոզի ծառաներին, որ այսօր հետները չտանեն, խոստանալով, որ այդ ժամանակամիջոցում ինքը կխորհի, թե ինչպես հարթել գործը, որպեսզի բոլորը բավարարված լինեն։ Դոն Լուիսը զոռով համբուրեց նրա ձեռները և թրջեց արցունքով։ Մարմարե սիրտն էլ կկակղեր այդ վարմունքից, ուր մնաց թե աուդիտորինը։ Վերջինս, իբրև խելացի մարդ, ըմբռնում էր, թե այդ միությունն ինչքան ձեռնտու է իր աղջկան։ Այնուամենայնիվ, նա նախադասում էր, որ այդ ամուսնությունը կատարվի, եթե միայն հնարավոր է, դոն Լուիսի հոր համաձայնությամբ, որը, ինչպես ինքը գիտեր, ցանկանում էր իր որդու համար բարձր տիտղոս ձեռք բերել։
Այդ միջոցին կենվորները հաշտվել էին պանդոկպանի հետ, վճարել էին նրա պահանջածը, ոչ այնքան սպառնալիքների ազդեցության տակ, որքան դոն Կիխոտի համոզումների և խելացի փաստարկումների հետևանքով։ Իսկ դոն Լուիսի ծառաները սպասում էին, թե ինչով է վերջանալու խոսակցությունը աուդիտորի հետ, և իրենց տերը ինչ վճիռ է ընդունելու։ Սակայն այդ րոպեին սատանան, որ չի ննջում, բերեց պանդոկը այն իսկ դալլաքին, որից դոն Կիխոտը խլել էր Մամբրինի սաղավարտը, իսկ Սանչո Պանսան հանել էր նրա էշի փալանը և փոխել իրենի հետ։ Եվ ահա, դալլաքը, քաշելով իր էշը գոմը, գտավ Սանչո Պանսային, որ զբաղված էր փալանով և, իսկույն ճանաչելով իր ապրանքը, վրա տվեց ու գոռաց․
― Ա՜, սինյոր գող, հո բռնեցի՞ ձեզ։ Դեսը տվեք իմ լագանը, փալանն ու նոխտան, որ դուք թռցրել եք ինձնից։
Այսքան հանկարծակի գրոհն զգալով և հիշոցները լսելով՝ Սանչոն մեկ ձեռքով բռնեց փալանը, իսկ մյուսով բռուցքի այնպիսի հարված հասցրեց դալլաքին, որ նրա բերանը արնակալեց։ Սակայն, չնայած դրան, դալլաքը ձեռքից բաց չէր թողնում ավարը, այսինքն՝ փալանը և այնքան բարձր էր աղաղակում, որ հյուրանոցի բոլոր կենվորները վազեվազ եկան աղմուկի վրա։ Դալլաքը կոչ էր անում․
― Արադարադատությո՜ւն, այստեղ արի՛, հանուն թագավորի՜։ Ես ետ եմ վերցնում իմ ապրանքը, իսկ այս գողը, բանուկ ճամփի այս ավազակն ուզում է ինձ սպանել։
― Սուտ ես ասում, ― պատասխանեց Սանչոն, ― ես բանուկ ճամփի ավազակ չեմ, և այս ավարը իմ տեր դոն Կիխոտը ազնիվ կռվում է ձեռք բերել։
Դոն Կիխոտը, կանգնած, մեծ հաճույքով նայում էր, թե ինչպես է հարձակվում ու պաշտպանվում իր զինակիրը և այդ րոպեին նա վճռեց, որ Սանչոն քաջ է և ինքն իրեն խորհեց՝ առաջին իսկ հարմար առիթով նրան պետք է ասպետ կարգել, քանի որ նա կարող է լավ ծառայել ասպետական ուխտին։ Իսկ դալլաքը վիճաբանելով Սանչո Պանսայի հետ, ի միջի այլոց ասաց հետևյալը․
― Որ այս փալանն իմն է, սինյորներ, դա նույնքան ճիշտ է, որքան այն, որ Աստված ինձ մահ կուղարկի։ Ես այդ նույնքան լավ գիտեմ, որքան եթե ինքս նրան ծնած լինեի։ Ասենք՝ այստեղ ախոռում է իմ էշը, որ սուտ չի խաբի։ Եթե չեք հավատում, չափեցեք ինքներդ՝ եթե փալանը նրա չափսովը չլինի, կոչեցեք ինձ խարդախ։ Ավելին կասեմ, նույն օրը, որ անհայտացավ իմ փալանը, նրանք թռցրին նաև իմ պղնձե լագանը, բոլորովին նորը, դեռ գործածության մեջ չեղած, մեկ էսկուդո արժողությամբ։
Այստեղ դոն Կիխոտն այլևս չկարողացավ իրեն զսպել՝ նա կանգնեց վիճաբանողների միջև, նրանց բաժանեց իրարից և փալանը գետնին դնելով այնպես, որ բոլորի աչքի առջև լինի, մինչև որ պարզվի, թե արդարությունն ում կողմն է, արտասանեց․
― Սինյորներ, հիմա բոլորիդ համար պարզ ու որոշ կդառնա մոլորությունը, որի մեջ է այս բարի զինակիրը, կոչելով լագան այն, որ եղել է, և կլինի Մամբրինի սաղավարտը։ Այդ սաղավարտը ես խլել եմ նրանից, ազնիվ մարտում և դրանից հետո ես եմ նրա օրինավոր և անվիճելի տերը։ Գալով փալանին՝ իմ գործը չէ։ Կասեմ միայն, որ իմ զինակիր Սանչո Պանսան ինձնից թույլտվություն խնդրեց հանելու այս հաղթված վախկոտի ձիու սարքը և իրենի վրա դնելու։ Ես նրան թույլ տվի և նա հանեց։ Իսկ եթե հիմա սարքը փալան է դառել, ապա ես այդ այլ կերպ չեմ բացատրում, քան եթե սովորական այլակերպությամբ, որ շարունակ տեղի է ունենում ասպետական պատմությունների մեջ։ Այս ամենը հաստատելու համար վազ տուր ապա որդի Սանչո, և բեր այստեղ սաղավարտը, որ այս բարի մարդու աչքին լագան է երևում։
― Սատանան տանի, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― եթե մենք մեր արդարության համար այլ ապացույցներ չունենք, ապա դուրս կգա, որ Մամբրինի սաղավարտը նույնպես լագան է, ինչպես այս ղոչաղի սարքը՝ էշի փալան։
― Արա՛, ինչ որ քեզ հրամայում են, ― ասաց դոն Կիխոտը։ Այս դղյակում ամեն ինչ հո չի՜ կախարդված։
Սանչոն գնաց լագանը բերեց, և դոն Կիխոտը տեսավ թե չէ, իր ձեռքն առավ ու ասաց․
― Ինքներդ դատեցեք, սինյորներ, որքան հանդուգն է այս զինակիրը, որ պնդում է, թե սա սաղավարտ չէ, այլ լագան է։ Երդվում եմ պատկանածս ասպետական ուխտով, սա այն իսկ սաղավարտն է, որ ես նրանից խլել եմ և դրանից հետո ո՛չ մի բան եմ ավելացրել նրան, ո՛չ էլ մի բան պակսեցրել։
― Այդ մեկը հո ճիշտ է, ― ասաց Սանչոն, ― որովհետև այն օրից ի վեր, ինչ իմ տերը նրան նվաճեց, նա մի անգամ է այդ սաղավարտը դրած կռվել այն շղթայակապ դժբախտներին ազատելիս։ Եթե այս լագանե սաղավարտն այն պահին վրան չլիներ, նրա բանը բուրդ կլիներ, որովհետև այդ կռվում քարեր էին, որ թափվում էին մեզ վրա։
Գլուխ XLV
Որի մեջ վերջնականապես փարատվում են Մամբրինի սաղավարտի և փալանի վերաբերմամբ տարակուսանքները և պատմվում են այլ ճշմարտապատում անցք ու դեպքեր
― Ձերդ ողորմածություններն ի՞նչ կասեն, ― հարցրեց դալլաքը, ― այս սինյորների հավաստիացումների վերաբերմամբ, թե սա լագան չէ, այլ սաղավարտ է։
― Իսկ ով հակառակն ասի, ― բացականչեց դոն Կիխոտը, ― եթե ասպետ է ― ես կապացուցեմ, որ ստում է, իսկ եթե զինակիր է՝ հազարապատիկ սուտ է ասում։
Մեր դալլաքը, որ ներկա էր այդ տեսարանին և ճանաչում էր դոն Կիխոտի բնավորությունը, վճռեց խրախուսել նրա խելագարությունը և ընդհանուրի զվարճության համար երկարաձգել կատակը։ Ուստի դիմելով օտար դալլաքին ասաց․
― Սինյոր դալլաք կամ ով որ եք, իմացած եղեք, որ ես ձեր արհեստակիցն եմ, որ ես երեսուն տարուց ավել է, ինչ վկայական ունեմ և ածիլելու պարագա չկա, որ ինձ քաջ ծանոթ չլինի։ Միաժամանակ, երիտասարդ հասակում, ես ծառայել եմ իբրև զինվոր և շատ լավ գիտեմ, թե ինչ է սաղավարտը, կիսասաղավարտը, երեսկալը և ռազմական գործին վերաբերող այլ առարկաները, այլ կերպ ասած՝ զենքերի բոլոր տեսակները։ Ահա՛, եթե առարկություն չկա (ով կարող է թող սխալս ուղղի), ես պնդում եմ, որ այս սիրալիր սինյորի ձեռքին բռնած առարկան բնավ լագան չէ և նույնքան հեռու է լագանից, որքան սպիտակ գույնը՝ սևից և ճշմարտությունը՝ ստից։ Սակայն պիտի ավելացնեմ, որ թեպետ սաղավարտ է, սակայն լրիվ չէ։
― Իհարկե, լրիվ չէ, ― ասաց դոն Կիխոտը, ― որովհետև կեսը պակաս է, ծնոտակալը չկա։
― Միանգամայն ճիշտ է, ― հարեց քահանան՝ կռահելով իր բարեկամի մտադրությունը։
Նույնը հաստատեցին Կարդենիոն, դոն Ֆերնանադոն և նրա ուղեկիցները։ Անգամ աուդիտորը, եթե նա ընկղմված չլիներ դոն Լուիսի դեպքի խոհերում, այդ կատակին մասնակից կլիներ, սակայն նա այնքան էր կլանված լուրջ մտածմունքներով, որ գրեթե ուշ էլ չէր դարձնում այդ խաղերի վրա։
― Տե՜ր ողորմյա, ― պատասխանեց ձեռք առնված դալլաքը։ ― Ինչպե՜ս հնարավոր է, որ այսքան պատվավոր մարդիկ ասեն, թե սա լագան չէ, այլ սաղավարտ։ Այս դեպքը կարող է մի ամբողջ համալսարան զարմացնել, ինչքան էլ նա գիտուն լինի։ Ի՜նչ արած, եթե իմ լագանը սաղավարտ է, ապա փալանս էլ, երևի, թամք կդառնա, ինչպես պնդում է այս սինյորը։
― Ըստ իս՝ թամք է, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Թեև, ես արդեն ասացի, թե ես այդ գործին չեմ խառնվում։
― Փալան է թե թամք, պետք է որոշի սինյոր դոն Կիխոտը, ― ասաց քահանան, ― որովհետև այն ամենը, ինչ վերաբերում է ասպետական գործին, ես էլ, այս բոլոր սինյորներն էլ, նրան հմուտ ենք համարում։
― Աստված վկա, սինյորներ, ― ասաց դոն Կիխոտը, ― երկու անգամ իջևանել եմ այս դղյակում, և գլխիս այնքան պատահարներ են եկել, որ ինչ էլ այդ դղյակի վերաբերմամբ հարցնելու լինեք, ես սիրտ չեմ անի ձեզ հաստատ պատասխան տալ, որովհետև, ըստ իս, այստեղ ամեն ինչ կախարդանքի զորությամբ է կատարվում։ Առաջին անգամին այս դղյակում իմ գլուխը մի կախարդված մավր էր տանում, ասենք՝ Սանչոն էլ պակաս չտառապեց նրա օգնականների ձեռքին, իսկ այս գիշեր ես գրեթե երկու ժամ դաստակիցս կախված եմ մնացել և չիմացա էլ, թե ինչպես և ինչի համար եկավ գլխիս այդ աղետը։ Ուստի այսքան խճճված խնդիրների մասին կարծիք հայտնելը իմ կողմից անխոհեմություն կլիներ։ Այն հայտարարության առիթով, թե սա սաղավարտ չէ, այլ լագան, ես արդեն պատասխանեցի․ գալով փալանին կամ սարքին՝ ես սիրտ չեմ անի որևէ որոշակի կարծիք հայտնել։ Թողնում եմ այդ ձեր ըմբռնումին, սինյորներ։ Թերևս, հենց այն պատճառով, որ դուք ինձ նման ասպետ չեք կարգված, այս դղյակի կախարդական ուժերը ձեզ վրա զորություն չունեն, ձեր բանականությունն ազատ է, և դուք ի վիճակի եք այս դղյակում տեղի ունեցածը տեսնել այնպես, ինչպես որ նրանք իրականում կան, իսկականը և ոչ թե ինչպես ինձ է թվում։
― Անտարակույս, ― պատասխանեց դոն Ֆերնանադոն, ― սինյոր դոն Կիխոտը միանգամայն արդարացի է՝ այդ խնդիրը մենք պիտի վճռենք։ Եվ միանգամից հիմնավոր լինելու համար ես գաղտնի կքվեարկեմ և, այս սինյորների քվեները հավաքելով, պարզ և ճշգրիտ հաշիվ կներկայացնեմ, թե ինչ ստացվեց։
Ովքեր գիտեին դոն Կիխոտի տարօրինակությունները, սրտանց զվարճանում էին, իսկ ովքեր չգիտեին, ողջ այս պատմությունը համարում էին ամենամեծ անհեթեթությունը։ Այսպես էին կարծում դոն Լուիսի չորս ծառաները և երեք ճամփորդներ ևս, որ այդ իսկ պահին պանդոկ էին հասել (արտաքուստ՝ նրանց կարելի էր հրացանաձիգների տեղ դնել և հետագայում այդպես էլ դուրս եկավ)։ Դալլաքը սաստիկ կոտրվել էր, որ իր աչքի առջև լագանը Մամբրինի սաղավարտ էր դառել։ Նա չէր կասկածում, որ փալանն էլ իսկույն ևեթ ձիու շքեղ սարք կդառնա։ Մնացյալները քահ֊քահ ծիծաղում էին՝ տեսնելով դոն Ֆերնանդոյին ամեն մեկին հերթով մոտենալուց և քվե հավաքելուց։ Յուրաքանչյուրի ականջին նա փսփսում ու խնդրում էր ասել, թե ի՞նչ է այն գանձը, որի համար այնպիսի տարաձայնություն ծագեց՝ փալա՞ն, թե՞ ձիու սարք։ Վերջապես, դոն Կիխոտի բոլոր ծանոթներից քվե հավաքելուց հետո դոն Ֆերնանդոն բարձրաձայն հայտարարեց․
― Ահա թե բանի էությունն ի՜նչ է, պատվելիս։ Ես հոգնեցի քվե հավաքելուց, որովհետև ումից հարցրի այդ առարկայից, ամենքն էլ ինձ պատասխանեցին միևնույնը՝ անմիտ բան է փալան կոչել այն, ինչ որ, իրոք, սարք է, այն էլ ազնվացեղ նժույգի, որովհետև, որքան էլ անախորժ լինի ձեզ կամ ձեր էշի համար, սա սարք է և ոչ թե փալան, և ձեր փաստարկումներն ու ապացույցները ճանաչված են անբավարար։
― Թող ես զրկվեմ երկնքի արքայությունից, եթե դուք, սինյորներ, չեք սխալվում, թող իմ հոգին չներկայանա Տերն Աստծուն, եթե սա սարք է և ոչ թե փալան։ Հիմա ես տեսնում եմ, որ թագավորների համար օրենք չկա։ Ճիշտ եմ ասում, ես հարբած չեմ՝ եթե ես որևէ բանով այսօր առավոտյան մեղանչել եմ, ապա բնավ ոչ նախաճաշով։
Դալլաքի պարզամտությունը դոն Կիխոտի ցնդաբանություններից պակաս չզվարճացրին ամենքին։ Դոն Կիխոտը հայտարարեց․
― Դե՛հ, հիմա մնում է, որ ամեն ոք վերցնի այն, ինչ պակասում է իրեն։ Ինչ որ շնորհել է Աստված, սուրբ Պետրոսն էլ է օրհնել։
Չորս ծառաներից մեկն ասաց․
― Եթե սա դիտավորյալ կատակ չէ, ապա ես բնավ չեմ կարող հավատալ, որ ըստ երևույթին այսքան խելացի մարդիկ կարող են ասել ու պնդել, թե սա լագան չէ և փալան չէ։ Բայց քանի որ նրանք ափաշկարա ասում ու պնդում են հասարակ փորձին և ճշմարտության հակառակ բաներ, ես դրանից հետևցնում եմ, որ մեջտեղը ինչ֊որ գաղտնիք կա, որովհետև եթե անգամ ամենքդ այստեղ ճաքելու լինեք (նա այդպես էլ ասաց), ոչ ոք աշխարհիս երեսին ինձ չի հավատացնի, թե սա դալլաքի լագան չէ և էշի փալան չէ։
― Կարող է պատահել, որ սա որձ էշի փալան չէ, այլ էգ էշի, ― ասաց քահանան։
Այդ լսելով նորեկ հրացանաձիգներից մեկը, որ ներկա էր այդ վեճին ու բանակռվին սրտնեղ ու ցասկոտ բացականչեց․
― Թող ես իմ հոր զավակը չլինեմ, եթե սա փալան չէ։ Իսկ ով որ ասում է կամ կասի հակառակը, նա հարբած է գինու տակառի պես։
― Դուք ստում եք ստոր անպիտանի պես, ― ասաց դոն Կիխոտը և տարավ֊բերեց փոքրիկ նիզակը, որ ոչ մի րոպե ձեռքից բաց չէր թողնում, այնպես նրան դրեց նրա գլխին, որ եթե հրացանաձիգը ժամանակին խուսափաց չլիներ, ապա անշուշտ կփռվեր գետնին։ Նիզակը վայր ընկավ և փշուր֊փշուր եղավ։ Մնացյալ հավաքվածները տեսնելով, թե ինչպես են վարվում իրենց ընկերոջ հետ, սկսեցին պահանջել հնազանդություն Սանտա Հերմամնդադին։
Պանդոկպանը, որ նույնպես այդ միաբանության անդամ էր, վազեց բերի իր գավազանն ու թուրը և վերադառնալով հարեց իր ընկերներին։ Դոն Լուիսի ծառաները շրջապատեցին իրենց տիրոջը՝ զգուշանալով, որ օգտվելով իրարանցումից, հանկարծ չփախչի։ Դալլաքը, տեսնելով, որ ողջ տունը տակնուվրա եղավ, բռնեց իր փալանը։ Նույնն արեց նաև Սանչոն։ Դոն Կիխոտը թուրը քաշեց և հարձակվեց հրացանաձիգների վրա։ Դոն Լուիսը գոռում էր, որ ծառաները թողնեն իրեն և վազեն օգնության դոն Կիխոտին և նրա կողմնակիցներին՝ Կարդենիոյին և դոն Ֆերնանդոյին։ Քահանան աղաղակում էր, տանտիկինը ճչում, տանտիրոջ աղջիկը ծվում, Մարիտորնեսը լալիս, Դորոթեան գլուխը կորցրել էր, Լյուսինդան սարսափել, դոնյա Կլարան ուշագնաց եղել։ Դալլաքը դմբզում էր Սանչոյին, Սանչոն ջարդ ու բուրդ անում դալլաքին։ Դոն Լուիսը, որի ձեռքը համարձակվեց բռնել ծառաներից մեկը, որպեսզի նա չփախչի, այնպիսի հարված հասցրեց նրա քիթ ու բերնին, որ նրա բերանը լցվեց արյունով։ Աուդիտորը սկսեց պաշտպանել նրան։ Դոն Ֆերնանդոն գետնին տապալեց հրացանաձիգներից մեկին և մեծ բավականությամբ ոտնակոխ էր անում նրան։ Պանդոկպանը ավելի ու ավելի բարձր էր գոռում՝ Սանտա Հերմանդադին օգնության կանչելով։ Մի խոսքով՝ բովանդակ պանդոկը լի էր լացով, ճիչով, հառաչանքով, շփոթմունքով, երկյուղով, իրարանցումով, աղետով, թրերի և փայտերի հարվածներով, տուր ու դմփոցով և արյունահեղությամբ։ Այդ իրարանցումի, քաոսի և խառնաշփոթության ամենատաք միջոցին դոն Կիխոտը երևակայեց, թե նա հանկարծակի ընկել է Ագրամանտեի բանակը[189] չարաչար երկպառակության ժամին, ուստի բարձր ձայնով, որ թնդաց ողջ պանդոկում, գոչեց․
― Կանգ առեք։ Սրերդ պատյանները դրեցեք։ Հանգստացեք, լսեցեք ամենքդ ինձ, եթե ուզում եք կենդանի մնալ։
Լսելով այս ամպագոռգոռ ձայնը՝ բոլորը կանգ առան և նա շարունակեց․
― Չասացի՞ ձեզ, սինյորներ, որ այս դղյակը կախարդված է, և մեջը մի լեգեոն դև կա։ Իբրև հաստատում՝ խնդրեմ, տեսեք ձեր սեփական աչքերով, որ Ագրամանտեի բանակի երկպառակտությունը փոխադրվել է այստեղ, մեր մեջ։ Տեսեք, թե ինչպես է մեկը կռվում թրի համար, մյուսը՝ նժույգի, ոմանք՝ արծվի համար, ոմանք՝ սաղավարտի, մենք բոլորս կռվում ենք և մեկը մյուսին չի հասկանում։ Համեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր աուդիտոր և դուք, ձերդ ողորմածություն, սինյոր քահանա, թող ձեզնից մեկը Ագրամանտե թագավոր լինի, մյուսը՝ Սոբրինո և խաղաղություն կնքեցեք ձեր միջև։ Վկա է ամենազոր Աստված, մեզ՝ ազնվական կոչում ունեցող մարդկանց համար ամենամեծ խայտառակությունն է, այսքան չնչին առիթով իրար սպանելը։
Հրացանաձիգները, որ բան չէին հասկանում դոն Կիխոտի խոսքերից, չէին ուզում խաղաղվել, որովհետև դոն Ֆերնանդոն, Կարդենիոն և նրա բարեկամները նրանց սաստիկ ծեծել էին։ Ընդհակառակը՝ դալլաքը այդ էլ հենց ուզում էր, որովհետև տուր ու դմփոցի միջոցին նրա միրուքը պոկել էին և փալանը գզգզել։ Սանչոն, իբրև բարի ծառա, հնազանդեց իր տիրոջ առաջին իսկ խոսքին։ Դոն Լուիսի ծառաները անմիջապես կռիվը դադարեցրին, կռահելով, որ այդ պատմությունն իրենց չի վերաբերում։ Միայն պանդոկպանն էր շարունակում պնդել, որ այդ խելագարի հանդգնությունը պատժվի, որ ամեն մի հարմար առիթով իր պանդոկը տակն ու վրա է անում։ Վերջապես կամաց֊կամաց աղմուկը դադարեց, իսկ դոն Կիխոտի երևակայության մեջ փալանը մինչև ահեղ դատարանի օրը մնաց թամք, լագանը՝ սաղավարտ և պանդոկը՝ դղյակ։
Երբ շնորհիվ աուդիտորի և քահանայի ամեն ինչ խաղաղվեց և հանգստացավ, դոն Լուիսի ծառաները նորից սկսեցին պնդել, որ նա անմիջապես իրենց հետ պիտի վերադառնա տուն։ Մինչդեռ նա նրանց հետ վիճաբանում էր, աուդիտորն սկսեց խորհրդակցել դոն Ֆերնանդոյի, Կարդենիոյի և քահանայի հետ, թե ինչ անի նման դեպքում և հաղորդում էր նրանց դոն Լուիսի պատմությունը։ Վերջապես վճռվեց, որ դոն Ֆերնանդոն դոն Լուիսի ծառաներին բաց կանի, թե ինքն ով է և կհայտարարի նրանց, թե ինքը մտադիր է դոն Լուիսին հետը Անդալուզիա տանել, որտեղ իր եղբայր֊մարկիզը երիտասարդին կընդունի բոլոր պատշաճ պատիվներով, որ վայելում են նրա արժանապատվության (որովհետև ամենքի համար պարզ էր, որ դոն Լուիսը ավելի շուտ կհամաձայնի պատառ֊պատառ լինել, քան ներկայանալ իր հոր աչքի առջև)։ Երբ չորս ծառաները իմացան դոն Ֆերնանդոյի կոչման և իրենց տիրոջ մտադրության մասին, նրանք իրար մեջ այս որոշումը հանեցին՝ երեք հոգով կվերադառնան և եղելությունը կզեկուցեն նրա հորը, իսկ չորրորդը կմնա, որ սպասարկի դոն Լուիսին և չի բաժանվի նրանից, մինչև որ մնացյալները չգան նրա ետևից կամ թե չէ մինչև որ իրենց տիրոջից որևէ նոր կարգադրություն չգա։ Այսպես ահա Ագրամանտեի իշխանությամբ և թագավոր Սոբրինոյի խոհեմությամբ երկպառակության այս քաոսում խաղաղություն հաստատվեց։ Սակայն, երբ համաձայնության թշնամին և խաղաղության ախոյանը[190] տեսավ, որ իրեն խայտառակ են արել ու ծաղրել և համոզվեց, որ մեր հերոսներին անելանելի լաբիրինթոսի մեջ գցելու իր բոլոր ջանքերը սակավ արդյունք տվին, խորհեց մեկ անգամ ևս փորձել իր բախտը և նոր վեճ և երկպառակություն հրահրել։
Բանն այն է, որ հրացանաձիգները իմացան, թե ինչ բարձր կոչման տեր մարդկանց հետ են կռվելիս եղել, խաղաղվեցին ու քաշվեցին մարտադաշտից՝ ըմբռնելով, որ ինչով էլ գործը վերջանալու լինի, տուժողը իրենք են լինելու։ Սակայն նրանցից մեկը, նա՛, որին դոն Ֆերնանդոն ջարդում ու ոտնահարում էր, հանկարծ մտաբերեց, որ հանցագործներ կալանավորելու այլ հրամանների թվում ունի դոն Կիխոտին բռնելու կարգադրություն։ Սանտա Հերմանդադը որոշել էր նրան կալանավորել տաժանակիր աշխատանքի դատապարտվածներին ազատելու համար (նրա իսկ համար, ինչից միանգամայն իրավացի զգուշանում էր Սանչոն)։ Մտաբերելով այդ՝ հրացանաձիգը վճռեց ստուգել՝ ճի՞շտ են արդյոք թղթի մեջ հիշատակված դոն Կիխոտի նշանները։ Ուստի նա գրպանից հանեց փաթույթը, գտավ հարկավոր տեղը և, շատ էլ գրագետ չլինելով, սկսեց վանկ֊վանկ կարդալ, յուրաքանչյուր բառից հետո մտիկ տալով դոն Կիխոտին և համեմատելով հրամանում հիշատակված նշանները մեր ասպետի արտաքինի հետ։ Այսպիսով նա ի վերջո համոզվեց, թե դոն Կիխոտը հենց այն մարդն է, որին հրամայված է կալանավորել։ Համոզվելով դրա մեջ՝ նա փաթաթեց թուղթը, ձախ ձեռքն առավ, իսկ աջով բռնեց դոն Կիխոտի օձիքն այնպիսի ուժով, որ նրա շունչն արգելվեց և սկսեց բարձրաձայն աղաղակել․
― Հնազանդությո՜ւն Սանտա Հերմանդադին։ Իսկ ով որ չի հավատում, թե ես նրա անունով եմ գործում, թո՛ղ կարդա այս հրամանը։ Նրա մեջ ասված է, որ ես պետք է բռնեմ բանուկ ճամփի այս ավազակին։
Քահանան վերցրեց հրամանը և համողվեց, որ հրացանաձիգը ճիշտ է ասում, որովհետև դոն Կիխոտի բոլոր նշանները ճիշտ էին նկարագրված։ Իսկ դոն Կիխոտը, տեսնելով, որ ինչ֊որ ողորմելի ստահակ իրեն վիրավորում է, կատաղեց և այնպես բռնված լինելով, որ ոսկորները ճռճռում էին, երկու ձեռքով սեղմեց հրացանաձիքի կոկորդը։ Եթե հրացանաձիգի ընկերները օգնության հասած չլինեին, նա ավելի շուտ շունչը փչած կլիներ, քան դոն Կիխոտը կարձակեր նրան։ Պանդոկպանը, որ պարտավոր էր պաշտպանելու իր միաբանության անդամներին, իսկույն տուժածին օգնության հասավ։ Նրա կինը, տեսնելով, որ իր ամուսինը նորից կռվի մեջ խցկվեց, կրկին սկսեց աղաղակել, և նրան ձայնակցեցին իր աղջիկն ու Մարիտորնեսը՝ երկնքից և բոլոր սրբերից օգնություն հայցելով։ Իսկ Սանչոն, տեսնելով, թե ինչ է կատարվում, ասաց․
― Տեր իմ Աստված, ախր ինչ որ իմ տերն ասում էր այս դղյակի կախարդված լինելու մասին՝ զուտ ճշմարտությո՜ւն է, այստեղ մեկ ժամ հանգիստ ապրել չի լինում։
Դոն Ֆերնանդոն բաժանեց իրարից դոն Կիխոտին ու հրացանաձիգին ի հաճույս երկուսի էլ, պոկելով հրացանաձիգի ձեռքը դոն Կիխոտի կապայի օձիքից, որ նա ամուր բռնած էր և բաց արեց ասպետի մատները, որ մխրճվել էին թշնամու կոկորդը։ Սակայն, չնայած դրան, հրացանաձիգները չէին դադարում պահանջել կալանավորում և պնդել, որ իրենց օգնեն կապկպել նրա ձեռն ու ոտը, ինչպես պահանջում է թագավորի և Սանտա Հերմանդադի օրենքը, որի անունից նորից օգնություն էին պահանջում, որպեսզի կալանավորեին լեռնային կածաններում և բանուկ ճամփաներում կողոպտող ավազակին։ Դոն Կիխոտը ժպտում էր՝ լսելով նրանց դատողությունները, ի վերջո, մեծ պաղարյունությամբ ասաց․
― Այստեղ եկե՛ք, ստոր ու վատածին մարդիկ։ Դուք բանուկ ճամփի ավազակ եք անվանում նրան, ով բաց է թողնում շղթայակապներին, ազատում բանտարկյալներին, օգնում դժբախտներին, բարձրացնում ընկածներին, պաշտպանում զրկվածներին։ Օ՜, պիղծ էակներ, ձեր թշվառության վեհությունը, հասկանալ տա ձեր անգիտությունն ու մեղքը, որ կատարում եք, չակնածելով անգամ ստվերից, էլ ուր մնաց թափառական իսկ ասպետի ներկայությունից։ Այստեղ եկ, ավազակների ոհմակ և ոչ թե հրացանաձիգների խումբ, բանուկ ճամփաների գողեր Սանտա Հերմանդանի թույլտվությամբ։ Ասացե՛ք ինձ՝ այդ ո՞վ է այն տխմարը, որ ինձ պես ասպետի կալանավորության հրաման է ստորագրել։ Չգիտե՞ նա միթե, որ թափառական ասպետները ոչ մի դատարանի ենթակա չեն, որ նրանց համար օրենքը թուրն է, իրավունքը՝ իրենց զորությունը, որոշումը՝ իրենց կամքը։ Ո՞վ է, կրկնում եմ, այն տխմարը, որին անհայտ է, թե ազնվականության ոչ մի թուղթ այնքան առավելություն ու արտոնություն չի շնորհում, որքան ձեռք է բերում թափառական ասպետն այն օրը, երբ ասպետ է կարգվում և ստանձնում ասպետության դաժան պաշտոնը։ Ո՞ր ասպետն է երբևիցե տվել տուրք, գլխահակ, թագուհու խցանե հողաթափի տուրք,[191] եկամտահարկ, գետից անցնելու կամ ճամփի տուրք։ Այդ ո՞ր ասպետն է իր համար կարած հագուստի համար դերձակին վճարում։ Այն ո՞ր դղյակի տերն է, որ փող է վերցնում ասպետից՝ նրան հյուրընկալելու համար։ Ո՞ր թագավորը չի իր սեղանին նստեցնում նրան։ Ո՞ր ազնիվ օրիորդը չի սիրահարվում և հպատակվում նրա կամքին ու ցանկություններին։ Եվ, վերջապես, եղե՞լ է, կա՞ և կլինի՞ աշխարհիս երեսին մի թափառական ասպետ, որ հանդիպելով չորս հազար հրացանաձիգի՝ չխիզախի փայտով չորս հարյուր հարված հասցնել նրանց։
Գլուխ XLVI
Հրացանաձիգների նշանավոր արկածի և մեր արի ասպետ դոն Կիխոտի մեծ ցասումի մասին[192]
Մինչդեռ դոն Կիխոտը այդպես խոսում էր, քահանան համոզում էր հրացանաձիգներին, որ դոն Կիխոտը խելագար է, ինչպես նրանք հեշտությամբ կարող են նկատել նրա խոսակցությունից ու վարմունքից, ուստի ամենալավը գործին վերջ տալը կլինի, քանի որ եթե նրան կալանավորելու էլ լինեն և հետները տանեն, միևնույն է, հարկադրված են լինելու բաց թողնել՝ իբրև խենթի։ Հրաման ունեցողը դրան պատասխանեց, թե իր գործը չէ դատողություն անելը՝ դոն Կիխոտը խենթ է, թե չէ, այլ մեծավորի հրամանը կատարելը, իսկ երբ որ դոն Կիխոտը մեկ անգամ կալանավորված կլինի, հետո նրան երեք հարյուր անգամ կարող են ազատ արձակել։
― Այնուհանդերձ, ― պատասխանեց քահանան, ― այս անգամ դուք նրան չեք կալանավորի։ Ասենք՝ նա ինքն էլ թույլ չի տա, որ կալանավորեք։
Վերջ ի վերջո քահանան այնքան ասաց ու խոսեց, դոն Կիխոտն էլ այնքան խենթություններ արեց, որ եթե հրացանաձիգները չհավատային մեր ասպետի խելագարությանը, դրանով նրանք ապացուցած կլինեին, որ իրենք նրանից խելագար են։ Ուստի բարվոք համարեցին խաղաղվել և անգամ հանդես գալ որպես միջնորդ դալլաքին Սանչո Պանսայի հետ հաշտեցնելու գործում, որոնք դեռևս մեծ համառությամբ շարունակում էին կռիվը։ Արդարադատության սպասավորները կայացրին մի վճիռ, որ եթե լիովին չհաշտեցրեց էլ երկու կողմերին, դարձյալ շատ թե քիչ բավարարեց նրանց՝ նրանք փոխանակեցին փալանները, բայց ամեն մեկը պահեց իր փորկապներն ու նոխտան։ Գալով Մամբրինի սաղավարտին՝ քահանան ծածուկ, այնպես, որ դոն Կիխոտը չնկատի, դալլաքին լագանի համար ութ ռեալ տվեց, դալլաքն էլ գիր գրեց, որով պարտավորվում էր գանգատ չանել կեղծիքի համար ո՛չ հիմա, ո՛չ էլ հավիտյանս հավիտենից, ամեն։ Այս երկու ամենախոշոր ու ամենանաշանավոր վեճերը հարթելուց հետո մնաց միայն համոզել դոն Լուիսի ծառաներին, որ նրանցից երեքը վերադառնան տուն, իսկ չորրորդը մնա և իր տիրոջ հետ գնա, ուր որ դոն Ֆերնանդոն նրան տանելու լինի։ Բարի բախտը և հաջողությունը, նիզակ ճոճելով և վերացնելով դժվարությունները ի հաճույս սիրահարվածների և խիզախների, որ գտնվում էին հյուրանոցում, կամեցան հասցնել վախճանին իրենց բարի գործը՝ ծառաները համաձայնեցին կատարել դոն Լուիսի խնդիրքը, և դոնյա Կլարան այնքան ուրախացավ, որ բավական էր նրա երեսին նայել՝ նրա սրտի բերկրանքը կարդալու համար։ Զորաիդան, թեև քիչ բան էր հասկանում իրադարձություններից, որ տեղի էին ունենում իր աչքերի առջև, այնուհանդերձ վշտանում ու խնդում էր, համեմատ ներկա եղողների դեմքի արտահայտության և հատկապես հետևում էր իր իսպանացու դեմքին, որին կաշկանդված էր նրա հայացքը և կապված՝ հոգին։ Պանդոկպանը, որի հայացքից չխուսափեց այն, որ քահանան դալլաքին վարձատրություն ու նվեր տվեց, դոն Կիխոտից պահանջեց օթևանության վարձը և գինու և տիկերի վնասի հատուցումը՝ երդվելով, որ գոմից դուրս չի թողնի ո՛չ Ռոսինանտին, ո՛չ էլ Սանչոյի էշին, մինչև որ լրիվ վճարված չլինի մինչև վերջին կոպեկը։ Քահանան այդ էլ հարթեց՝ վճարեց դոն Ֆերնանդոն, թեև աուդիտորն էլ մեծ պատրաստակամությամբ առաջարկեց, որ ինքը վճարի։ Այսպես ահա հաստատվեց հաշտություն ու համաձայնություն, և այլևս չէր թվում, թե Ագրամանտեի բանակի պառակտումը, ինչպես արտահայտվեց դոն Կիխոտը, բռնկել է պանդոկում, ընդհակառակը՝ Օկտավիանոսի ժամանակի[193] հաշտությունն ու հանգստությունն էր տիրում։ Ամենքը միաբերան ընդունեցին, որ այդ ամենի համար պետք է շնորհակալ լինեն բարյացակամ և ճարտարալեզու քահանայից և իր առատաձեռնությամբ անզուգական դոն Ֆերնանդոյից։
Երբ որ դոն Կիխոտը տեսավ, որ վերջապես ազատվեց ու պրծավ, ինչպես իր անձնական, այնպես էլ իր զինակրին վերաբերող բոլոր անախորժություններից, խորհեց, թե լավ կլիներ շարունակել սկսած ուղին և ավարտել այն մեծ գործը, որի համար ինքը կոչված և ընտրված էր։ Խիզախ վճռականությամբ նա ծունկ չոքեց Դորոթեայի առջև, սակայն աղջիկը հայտարարեց, որ նա թույլ չի տա խոսք անգամ արտասանել, մինչև որ վեր չկենա։ Դոն Կիխոտը հնազանդեց, ոտի կանգնեց և ասաց․
― Տարածված մի առած կա, չքնա՛ղ տիրուհի, թե ջանասիրությունը հաջողության մայրն է։ Փորձը ցույց է տալիս, որ հաճախ հայցատիրոջ ջանասիրությունը ամենակասկածելի գործն անգամ բարեհաջող վախճանի է հասցնում։ Սակայն ոչ մի տեղ այդ ճշմարտությունը այնքան պայծառ չի դրսևորվում, ինչպես ռազմական գործում, որտեղ շուտափույթ և արագ գործողությունը տապալում է թշնամու ծրագիրը և պսակում հաղթանակով նախքան հակառակորդի պաշտպանության դիմելը։ Ասելս այն է, ազնիվ ու անզուգական տիրուհի, որ այլևս այս դղյակում մեր մնալն ավելորդ է և մի գեղեցիկ օր անգամ կարող է կործանիչ դառնալ, որովհետև, ո՞վ գիտե, թերևս, ծպտյալ ու նախանձախնդիր լրտեսների միջոցով ձեր թշնամի հսկան արդեն տեղեկացել է, որ ես երդվել եմ նրան սպանել և ժամանակ շահելով ամրացել է որևէ անառիկ բերդում կամ դղյակում, որի դեմ անզոր են իմ եռանդն ու բազկիս զորությունը։ Ուստի, ինչպես արդեն ասացի, տիրուհիդ իմ, կանխենք նրա չար դիտավորությունը մեր ջանասիրությամբ ու անհապաղ ճամփա ընկնենք, երթանք բարով։ Երես առ երես պատահեմ ձեր թշնամուն թե չէ՝ ձերդ մեծությունն իր ցանկությունները կատարված կտեսնի։
Դոն Կիխոտը լռեց և այլևս բառ անգամ չավելացրեց, սպասելով հանգիստ արժանապատվությամբ չքնաղ թագաժառանգուհու պատասխանին, որը, հարմարվելով մեր ասպետի ոճին՝ վսեմ տեսքով պատասխանեց այսպես․
― Շնորհակալ եմ, սինյոր ասպետ, ձեր պատրաստակամության համար՝ օգնության հասնելու իմ մեծ դժբախտության միջոցին այնպես, ինչպես վայել է ու հարկավոր ասպետին օգնել որբերին ու թշվառնեին։ Թող երկնքին հաճո լինի, որ մեր ընդհանուր իղձը կատարվի, որովհետև այն ժամանակ դուք կտեսնեք, որ աշխարհիս երեսին դեռ չեն վերացել ազնիվ կանայք։ Գալով իմ մեկնելուն՝ ես պատրաստ եմ իսկույն ճամփա ընկնելու, քանի որ իմ կամքն ամեն բանում համաձայն է ձերին՝ ես ամբողջովին ձեր տրամադրության տակ եմ, ըստ ձեր ցանկության ու բարեհայեցողության։ Քանի որ ես ձեր հովանավորությանն եմ հանձնել և իմ թագավորության բախտը ձեր ձեռքն եմ տվել, ապա ես չեմ հակաճառի ձեր խոհեմության թելադրանքին։
― Աստված օգնական, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Երբ որ իմ աչքի առջև ստորացնում են նման մի տիրուհու, ես չեմ կամենում առիթը բաց թողած լինել՝ բարձրացնելու և իր նախնիների գահին բազմեցնելու։ Անհապաղ շարժվենք՝ անհամբերությունն ու երկար ճամփան շտապեցնում են ինձ, որովհետև զուր չի ասված, թե հապաղումը կորստաբեր է։ Երկինքը դեռ չի ստեղծել և դժոխքը չի տեսել մեկին, որ ինձ ահ ու սարսափ ներշնչեր, ուստի, Սանչո, թամբիր Ռոսինանտին, փալանիր էշը և պատրաստիր թագուհու երիվարը, հրաժեշտ տանք այս դղյակի տիրոջն ու այս սինյորներին, այստեղից սլանանքն դեպի մեր նպատակետը։
Սանչոն, որ ներկա էր այս խոսակցությանը, գլուխն օրորելով ասաց․
― Ա՜խ, տեր իմ, տեր իմ, ամոթ չլինի ասել՝ գյուղի գործը ավելի վատ է, քան թվում է։
― Ի՞նչն է վատ գյուղում, ասենք՝ աշխարհիս բոլոր քաղաքներում էլ, որ արատավորեր իմ պատիվը, ախմա՛խ։
― Եթե ձերդ ողորմածությունը բարեհաճում է զայրանալ, ― պատասխանեց Սանչոն, ― ես կլռեմ և չեմ ասի այն, ինչ որ պարտավոր եմ ասելու՝ իբրև բարի զինակիր և հավատարիմ ծառա։
― Ուզածդ ասա, ― ասաց դոն Կիխոտը, ― միայն թե մի՛ երևակայիր, որ ես քո խոսքից վախեցող եմ։ Դու ինչ֊որ բանից երկյուղ ունես, դա քո սովորությունն է, իսկ ինչ իմ սովորությունն է՝ ոչ մի բանից չվախենալ։
― Մեղապարտ լինեմ, այդ չէ բանը, ― պատասխանեց Սանչոն, ― ես ասում եմ և էլի կասեմ՝ այդ սինյորան, որ իր ասելով Միկոմիկոնի մեծ թագավորության թագուհին է, նույնպես թագուհի է, ինչպես իմ մայրը։ Եթե նա իր ասածը լիներ, անդադար և ամեն մի պատեհ առիթի չէր պաչպաչվի այստեղ գտնվող մի ջահելի հետ։
Սանչոյի այդ խոսքերից Դորոթեան շիկնեց, որովհետև, իրավ, նրա ամուսին դոն Ֆերնանդոն մի քանի անգամ ուրիշներից թաքուն քաղել էր իր շուրթերից պարգևի մի մասը, որին արժանացել էր իր սերը (իսկ Սանչոն տեսել էր և վճռել, որ նման անպարկեշտությունն ավելի վայել է պալատական ցոփ մի կնոջ, քան թե այնքան մեծ թագավորության մի թագուհու) ուստի Դորոթեան չկամեցավ և չէր էլ կարող պատասխանել Սանչոյի ասածի դեմ, իսկ Սանչոն շարունակում էր դուրս տալ․
― Այդ նրա համար եմ ասում, տեր իմ, որ եթե մենք սար ու ձոր ենք կտրելու, անց կացնելով վատ գիշերներ և վատթար օրեր, իսկ այս պանդոկում եղած ջահելներից մեկը քաղելու է մեր հոգնության պտուղը, կարիք չկա, որ ես շտապեմ թամքելու Ռոսինանտը, փալանելու իմ էշը և պատրաստելու երիվարը՝ ավելի լավ է մնանք հանգիստ։ Պոռնիկները թող իրենց թելը մանեն, իսկ մենք մեր ճաշն անենք։
Տե՜ր Աստված, որքան մեծ էր դոն Կիխոտի զայրույթը, իր զինակրի անվայելուչ խոսքերից հետո։ Այնքան, որ նրա ձայնը կտրվեց, լեզուն կապվեց, աչքերից կայծեր ցայտեցին և նա ասաց․
― Օ՜, ստոր ռամիկ, անկիրթ, անզգամ, տգետ, տխմար, կակազ, բամբասող ու զրպարտիչ։ Դու հանդգնեցիր իմ և այս երևելի սինյորների ներկայությամբ նման խոսքե՞ր և հանդգնեցիր նման անամոթ ու ժպիրհ մտքեր գլխիցդ անց կացնել։ Գնա՛֊կորի՛ր, հրեշ, ստի պահեստ, խաբեբայության սնդուկ, խարդախության շտեմարան, լրբության գյուտարար, անմտություններ տարածող, ոտնձգությո՞ւն ես անում ընդդեմ հարգանքի, որ վայել է թագավորական տոհմի անձանց։ Կորի՛ր և աչքիս չերևա՛ս, թե չէ՝ վախեցի՛ր իմ ցասումից։
Այս ասելուց նա խոժոռում էր հոնքերը, փքում այտերը, աչքերն ամեն կողմ գցում և, վերջապես, աջ ոտը ուժգին խփեց գետնին՝ պարզ նշան նրա կրծքում եռացող ցասումի։ Նրա ահարկու խոսքերն ու կատաղի շարժուձևերը Սանչոյին այնպիսի ահ ու դող սաստեցին, որ եթե նրա ոտի տակ հողը պատռեր ու կլաներ նրան՝ նա կուրախանար։ Նա չգիտեր, թե ինչ անի, մեջքը շուռ տվեց և բարկացած տիրոջից փախուստ տվեց։ Սակայն այստեղ խելամիտ Դորոթեան, որ շատ լավ էր ըմբռնել դոն Կիխոտի բնավորությունը, նրա զայրույթը մեղմելու համար ասաց․
― Մի՛ք բարկանա, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, այն պարապ խոսքերից, որ արտասանեց ձեր բարի զինակիրը, թերևս նա առանց հիմքի չասաց, քանի որ նրա առողջ միտքն ու քրիստոնեական խիղճը թույլ չեն տալիս կասկածել, թե նա կամեցավ սուտ վկայությամբ վնասել մեկնումեկին։ Ուստի, մենք անտարակույս պետք է հավատանք, որ այս դղյակում ամեն ինչ կախարդված է ձեր ասածի պես, սինյոր ասպետ, և կարող է պատահել, ասում եմ, որ այս դիվային եղանակով Սանչոն իմ պատիվն արատավորող որևէ բան տեսած լինի։
― Ամենակարողն Աստված վկա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ ձերդ մեծությունը դիպավ նշանին և որ չար մի տեսիլ կանգնել է այդ մեղավոր Սանչոյի առջև, և նա այնպիսի բաներ է տեսել, որ անկարելի է տեսնել առանց կախարդության։ Ախր, ես այդ խեղճ մարդու բարությունն ու անմեղությունը լավ գիտեմ, նա սուտ վկայության անընդունակ է։
― Ճիշտ որ ճիշտ, ― ասաց դոն Ֆերնանդոն, ― ուստի, սինյոր դոն Կիխոտ, դուք պետք է նրան ներեք և վերստին շնորհեք նրան ձեր ողորմածությունը sicut erat in pricipio,[194] ինչպես եղել է նախքան այդ տեսիլքներից նրա խելակորույս լինելը։
Դոն Կիխոտը պատասխանեց, թե կների։ Քահանան գնաց Սանչոյի ետևից, որը խոնարհ մոտեցավ, չոքեց իր տիրոջ առջև ու համբուրեց նրա ձեռքը։ Դոն Կիխոտը մեկնեց ձեռքը, թույլ տվեց հանբուրել և, տալով նրան իր օրհնությունն, ասաց․
― Այսուհետև դու պիտի ճանաչես, Սանչո որդյակս, ճշմարտությունը քանիցս ասածիս, որ այս դղյակում ամեն ինչ կախարդված է։
― Ես էլ եմ այդպես կարծում, ― ասաց Սանչոն, ― բացի վերմակի վրա վեր֊վեր թռչելուց, որ տեղի ունեցավ իրականորեն, բնական կերպով։
― Չեմ կարծում, ― հարեց դոն Կիխոտը, ― որովհետև եթե ճշմարտապես լիներ, ես իսկույն վրեժը կհանեի և հիմա էլ վրեժխնդիր կլինեմ։ Սակայն ոչ այն անգամ, ոչ ներկայիս, ես հաստատ չգիտեմ, թե ումից պիտի վրեժ առնեմ գլխիդ եկած քյալագի համար։
Բոլորը կամեցան իմանալ, թե ինչ պատմություն է վերմակի վրա վեր֊վեր թռցնելը և պանդոկպանը պատմեց ամենայն մանրամասնությամբ Սանչոյի օդային ճամփորդությունը։ Բոլորի համար դա ծիծաղի առարկա դառավ, իսկ Սանչոյի համար՝ զայրույթի, սակայն նրա տերը նորից սկսեց համոզել նրան, որ դա կախարդանք է եղել։ Սակայն, իր սրտի խորքում պարզամտությունը այն կետին չէր հասնում, որ հավատ ընծայեր դրան, և նա համոզված էր, որ ճիշտը առանց պատրանքի որևէ խառնուրդի այն է, որ նրան վեր֊վեր թռցնողները միս ու ոսկորից էին և ոչ թե զառանցանքի տեսիլներ, ինչպես կրկին համոզում էր իրեն իր տերը։
Երկու օր էր անցել, ինչ այս փայլուն հասարակությունն ապրում էր հյուրանոցում։ Նրանք միտք էին անում, թե արդեն մեկնելու ժամը հասել է և վճռեցին այնպես սարքել, որ Դորոթեան ու դոն Ֆերնանդոն նեղություն չքաշեն ուղեկցելու դոն Կիխոտին մինչև նրա գյուղը և շարունակելու Միկոմիկոնի արտաքսված թագուհու պատմության խաղը, քանի որ քահանան ու դալլաքը կարող էին նրան տանել այնտեղից և փորձել տեղում բուժել նրա խելագարությունը։ Այդ նպատակով նրանք համաձայնության եկան մի գյուղացու հետ, որ պատահմամբ անցնում էր այդ ճամփով եզներով լծած սայլով և հնարեցին հետևյալը՝ նեղ տախտակից վանդակի պես մի բան շինեցին այնպիսի մեծությամբ, որ մեր ասպետը կարողանար մեջը միանգամայն հարմար տեղավորվել։ Ապա քահանայի խորհուրդով ու կարգադրությամբ դոն Ֆերնանդոն իր ընկերների հետ, դոն Լուիսը իր ծառաների հետ, բոլոր հրացանաձիգները և, վերջապես ինքը, պանդոկպանը, ով ինչպես կարող էր, դիմակավորվեցին և շորերն այնպես փոխեցին, որ դոն Կիխոտը չկարողանար ճանաչել մարդկանց, որոնց հետ ապրել էր այս դղյակում։ Այդ ամենն անելուց հետո նրանք լուռ ու մունջ ներս մտան սենյակը, որտեղ քնած էր մեր ասպետը՝ իր կրած հուզմունքներից հանգստանալու համար։
Այն պահին, երբ դոն Կիխոտը հանգիստ քնած էր, և նրա գլխիցը չէր անցնում, թե ինչե՜ր են պատրաստվում, նրանք բոլորը միասին մոտեցան, ամուր բռնեցին նրան, ձեռն ու ոտը կապկպեցին, այնպես որ երբ մեր ասպետը տագնապալից արթնացավ, նա ի վիճակի չէր շարժվելու, և մնում էր, որ նա արմանա ու զարմանա նման արտասովոր դեմքերի տեսքից։ Իսկույն նրա գլխիցն անցավ, իր իսկ անդադրում խանգարված մտքից ներշնչված, թե բոլոր այս դեմքերը կախարդված դղյակի տեսիլներն են և թե, անտարակույս, նա ինքն էլ է կախարդված, քանի որ ո՛չ շարժվել է կարող, ո՛չ պաշտպանվել։ Մի խոսքով՝ ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես նախագծել էր այս խորամանկությունը ծրագրող քահանան։
Մենակ Սանչոն էր պահպանել իր իսկական տեսքն ու սովորական առողջ դատողությունը, և թեև քիչ էր մնացել, որ նա էլ բռնվեր իր տիրոջ ցավով, այնուհանդերձ նա իսկույն ճանաչեց շորերը փոխած մարդկանց։ Սակայն նա սիրտ չէր անում բերանը բաց անել՝ սպասելով, թե ինչով է վերջանալու այդ հարձակումը իր տիրոջ վրա և գերումը։ Դոն Կիխոտն էլ չէր արտասանում ոչ մի բառ՝ սպասելով, թե վրա հասած դժբախտությունն ինչ վախճանի է հանգելու։ Իսկ վախճանն այն էր, որ հանդերձափոխ մարդիկ քարշ տալով բերին մի վանդակ, նրան նստեցրին մեջը և տախտակներն այնպես ամուր մեխեցին, որ նա չէր կարող քակել, եթե անգամ երկու ձեռքով ցնցելու լիներ։
Այնուհետև վանդակը, ուսերի վրա դրին և, երբ որ դուրս էին բերում սենյակից, դալլաքը՝ փալանի տերը չէ՛, այլ մյուսը, ձայնին ահասաստ շեշտ հաղորդելով ասաց․
― Օ՜, Տխուր Պատկերի Ասպետ, մի վշտանար, որ գերի ես ընկել, դա անհրաժեշտ է շուտափույթ ավարտելու համար սխրագործությունը, որին պարտավորեցրել է քեզ քո արիությունը, և որը կհանգի իր վախճանին, երբ որ Լամանչի ամեհի առյուծն ու տոբոսցի ճերմակ աղավնին միանան, և նրանց հպարտ գլուխները կխոնարհվեն ամուսնության քաղցր լծի տակ։ Այդ անլուր միությունից լույս աշխարհ կգան և կփայլեն արի կորյուններ՝ հուժկու ճիրաններով, իրենց հզոր հոր նման։ Եվ դա տեղի կունենա ավելի շուտ, քան խուսափող նիմֆային հետապնդողը[195] իր բնական ու սրընթաց վազքով երկու անգամ կանցնի աստղազարդ երկնակամարի նշանները։ Եվ դո՛ւ, կողքին՝ թուր, ծնոտին՝ միրուք, քթածակերում հոտառություն ունեցող զինակիրներից ամենաազնիվն ու հնազանդը աշխարհիս երեսին, մի՛ վշտանար և մի՛ դժգոհիր՝ տեսնելով, որ քո աչքի առաջ այսպես են տանում թափառական ասպետության ծաղկին։ Շուտով, եթե կամենա աշխարհիս արարիչը, դու կտեսնես քեզ այնքան բարձր ու վեհ, որ ինքնդ քեզ չես ճանաչի և քո բարի տիրոջ տված խոստումները ապարդյուն չեն մնա։ Հավատացնում եմ քեզ իամստուն Մենտիրոնիանայի անունից,[196] որ քո ռոճիկը վճարված կլինի, ինչպես դու կտեսնես գործնականում։ Հետևի՛ր զորավոր ու կախարդված ասպետին, որովհետև պետք է դու նրան ուղեկցես մինչև այն տեղը, որտեղ երկուսդ էլ պիտի կանգ առնեք։ Եվ որովհետև ինձ թույլ չի տրված ուրիշ բան ասելու, ուստի մնաս բարով, իսկ ես վերադառնամ իմ լավ գիտցած տեղը։
Այս մարգարեական խոսքերը դալլաքն արտասանեց սկզբում սաստիկ բարձր ձայնով, ապա ձայնը մեղմացրեց և հասավ այնքան քնքուշ շեշտի, որ անգամ այս կատակին նախօրոք տեղյակները պատրաստ էին հավատալու, թե իրենց լսածը լուրջ բան է։ Գալով դոն Կիխոտին՝ մարգարեի խոստումները նրան մխիթարեցին, որովհետև նա լրիվ ըմբռնել էր նրանց իմաստը և տեսնում էր, որ նրան հուսադրում են, թե նա կզուգորդվի ամուսնական սրբազան ու օրինավոր կապերով իր սիրեցյալ Դուլսինեա Տոբոսցու հետ, թե նրա օրհնյալ արգանդից կորյուններ կծնվեն, զավակներ՝ Լամանչի մշտնջենական փառքի համար։ Հաստատ ու վերջնական կերպով հավատալով դրան՝ նա բարձրացրեց ձայնը և, խորը հոգվոց քաշելով ասաց․
― Օ՜, դո՛ւ, ով էլ լինես, որ ինձ այդքան լավ ապագա ես խոստանում, աղաչում եմ, խնդրի՛ր իմաստուն կախարդից, որ հոգ է տանում իմ մասին, որպեսզի նա թույլ չտա, որ ես կործանվեմ այս բանտում, որի մեջ ինձ տանում են, մինչև որ չկատարվեն այդ քաղցր ու աննման խոստումները։ Եթե այդպես լինի, իմ բանտարկությունը ես փառք կհամարեմ և շխթաներս՝ ուախություն, և տեղը, որի վրա գցել են ինձ, կթվա ոչ թե կռվի դաժան դաշտ, այլ փափուկ անկողին և երջանիկ առագաստ ամուսնական։ Գալով իմ զինակիր Սանչո Պանսային տվածդ մխիթարանքին՝ նրա բարությունն ու ազնվությունը երաշխավորում են, որ նա ինձ երբե՛ք չի լքի ո՛չ բարի, ո՛չ էլ սև օրիս։ Եթե պատահի նրա և իմ չար բախտից, որ ես չկարողանամ նրան նվիրել խոստացածս կղզին, կամ որևէ այլ հավասարարժեք բան, ապա առնվազն նա չի կորցնի իր ռոճիկը, որովհետև ես իմ կտակում գրել եմ, թե որքան եմ կամենում, որ նրան տրվի, ո՛չ, անտարակույս, համեմատ նրա մեծ ու լավ ծառայության, այլ գեթ համեմատ իմ կարողության։
Սանչո Պանսան շատ քաղաքավարի խոնարհվեց և համբուրեց իր տիրոջ երկու ձեռքը (եթե ուզեր էլ, մեկը չէր կարող, քանի որ երկուսն էլ կապված էին իրար)։
Ուրվականները բարձրացրին վանդակը և դրեցին եզներով սայլի վրա։
Գլուխ XLVII
Թե ինչ տարօրինակ կերպով կախարդվեց դոն Կիխոտ Լամանչեցին և ինչ այլ զարմանալի դեպքեր պատահեցին
Երբ դոն Կիխոտը տեսավ, թե ինչպես են իրեն վանդակի մեջ գցել և դրել սայլի վրա, ասաց․
― Բազմաթիվ և շատ երևելի պատմություններ եմ կարդացել ես թափառական ասպետների մասին, սակայն երբեք չեմ կարդացել, չեմ տեսել ու լսել, որ կախարդված ասպետներին այս տեսակ առևանգած լինեն՝ ծույլ անասունների համր ու դանդաղ քայլով։ Սովորաբար միշտ նրանց օդի միջով են տանում, արտասովոր արագությամբ, գորշ կամ սև ամպով պարուրած կամ թե չէ հրեղեն կառքով, հիպոգրիֆի կամ մի այլ նման հրեշի վրա։ Բայց թե առևանգեն եզներ լծած սայլով, Աստված վկա, ես բոլորովին շփոթվում եմ։ Թեև, հնարավոր է, որ մեր ժամանակվա ասպետականությունն ու կախարդանքը, այլ ճամփով պիտի ընթանան, քան անցյալ դարերինը, թերևս, որովհետև ես աշխարհիս երեսին նոր ասպետ եմ և առաջինը, որ հարություն տվեց արկածախնդիր ասպետների գործունեությանը, մեր օրերում հնարված լինեն կախարդանքի նոր ձևեր և կախարդվածներին առևանգելու նոր եղանակներ։ Խելքդ ի՞նչ է կտրում, Սանչո զավակս։
― Իսկի՛ բան չի կտրում, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ես թափառական գրքեր չեմ կարդացել, ինչպես ձեր ողորմածությունը։ Թեև, դարձյալ կհանդգնեի հաստատել և երդվել, որ մեր կողքին քայլող այս ուրվականները բնավ կաթոլիկ չեն։
― Կաթոլիկնե՞ր։ Հոգյա՛կս։ ― Բացականչեց դոն Կիխոտը։ ― Ինչպե՞ս կարող են կաթոլիկ լինել, քանի որ նրանք բոլորն էլ դևեր են, ուրվականների կերպարանք են ընդունել, որ այս խաղը խաղան և ինձ այս օրը գցեն։ Եթե ուզում ես համոզվել, որ ասածս ճիշտ է, ձեռք տուր, շոշափի՛ր նրանց, և դու կտեսնես, որ նրանց մարմինը օդեղեն է և որ այդ ամենը առերևույթ բան է։
― Աստված վկա, սինյոր, ես նրանց ձեռք եմ տվել։ Ահա այս դևը, որ այնքան արագ է քայլում, փափլիկ մարմին ունի։ Նա մի հատկություն ունի, որ ամենևին դևերը չեն ունենում՝ ասում են, թե դևերից ծծումբի և այլ վատ հոտ է գալիս, իսկ սրանից կես մղոնից անուշ հոտ է փչում։
Սանչոն դոն Ֆերնանդոյի մասին էր ասում, որ իբրև խոշոր ավատատեր, ուներ, իրոք, Սանչոյի ասած բուրմունքը։
― Դրանից մի՛ զարմանա, Սանչո բարեկամ, ― ասաց դոն Կիխոտը, ― դու պետք է իմանաս, որ սատանաները շատ բանիմաց են՝ թեև նրանք հոտ են ունենում, սակայն իրենք այդ չեն զգում, որովհետև ոգիներ են։ Իսկ եթե նրանցից հոտ է գալիս, ապա նրանց հոտը լավ չի կարող լինել, այլ վատ ու նեխված։ Պատճառն այն է, որ նրանք հետները դժոխք են կրում, և նրանց տանջանքը ոչինչ չի կարող մեղմացնել և քանի որ լավ հոտը ուրախացնող և զվարթացնող բան է, ապա ուրեմն անկարելի է, որ նրանցից լավ հոտ գա։ Ուստի, եթե քեզ թվում է, որ այդ մեկից անուշ հոտ է գալիս, ապա դու կամ սխալվում ես, կամ նա կամենում է քեզ խաբել, որպեսզի դու գլխի չընկնես, թե նա դև է։
Տիրոջ ու ծառայի միջև այսպիսի խոսակցություն տեղի ուներ, իսկ դոն Ֆերնանդոն և Կարդենիոն՝ երկյուղ կրելով, թե միգուցե Սանչոն գլխի ընկնի իրենց նյութած խորամանկությունը (մի բան, որին նա արդեն մոտ էր), որոշեցին արագացնել մեկնումը և, մի կողմ կանչելով պանդոկպանին, կարգադրեցին, որ թամքի Ռոսինանանատը և փալանի Սանչոյի էշը, որ և կատարեց խիստ արագ։ Նույն միջոցին քահանան հրացանաձիգների հետ համաձայնության եկավ օրավարձի մասին, որպեսզի նրանք ուղեկցեն իրենց մինչև գյուղը։ Կարդենիոն Ռոսինանտի թամքի առջևից կախեց, մի կողմից՝ վահանը, մյուսից՝ դալլաքի լագանը և նշան արեց Սանչոյին, որ իր էշը նստի և Ռոսինանտին քաշի ետևից, իսկ սայլի երկու կողքին նստացրեց երկու հրացանաձիգներին, իրենց պատրույգավոր հրացաններով։ Սակայն նախքան պանդոկից դուրս գալը, պանդոկպանի կինը, նրա աղջիկն ու Մարիտորնեսը եկան դոն Կիխոտին հրաժեշտ տալու, ― նրան վրա հասած դժբախտությունը ողբալու ձև անելով։ Տեսնելով այդ՝ դոն Կիխոտը նրանց ասաց․
― Լաց մի՛ք լինի, իմ բարի տիկնայք, բոլոր այս դժբախտությունները կապած են այն արհեստին, որին ես նվիրված եմ։ Եթե այս տառապանքները չպատահեին, ես ինձ հռչակավոր թափառական ասպետ չէի համարի, որովհետև աննշան անուն ու հռչակ վայելող ասպետները նման բաների ենթակա չեն, և նրանց հիշատակը մարում է նրանց հետ միասին։ Դա՛ է հզոր ասպետների վիճակը, որոնց նախանձում են բազմաթիվ թագաժառանգներ և այլ ասպետներ նրանց առաքինության և արիության համար և աշխատում են վատ ճանապարհներով կործանել լավերին։ Այնուամենայնիվ, առաքինությունն այնքան զորավոր է, որ, հակառակ ամեն մոգության, որ հայտնի է եղել նրա առաջին հայտնագործող Զրադաշտին, հաղթանակող դուրս կգա փորձությունից և իր լույսը կսփռի աշխարհիս վրա, ինչպես արևը՝ երկնքում։ Ներեցեք ինձ, չքնաղ տիկիններ, եթե ակամա ձեզ որևէ տհաճություն եմ պատճառել, որովհետև կամովին ու գիտակցաբար ես երբեք ոչ ոքի չեմ վշտացրել, և աղոթեցեք Աստծուն, որ ինձ ազատի այս բանտից, որի մեջ ինձ գերի է վարել ինչ որ չար կախարդ։ Եվ երբ որ ես վերստին ազատ դառնամ, իմ հիշողությունից չեն ջնջվի շնորհները, որ այս դղյակում դուք արել եք ինձ, և ես ըստ արժանվույն շնորհակալ կլինեմ իմ ծառայությամբ։
Դղյակի տիկինների հետ դոն Կիխոտի այս խոսակցության միջոցին քահանան ու դալլաքը հրաժեշտ տվին դոն Ֆերնանդոյին ու նրա ընկերներին, կապիտանին ու նրա եղբորը և իրենց բախտից գոհ բոլոր կանանց, մանավանդ՝ Դորոթեային և Լյուսինդային։ Բոլորը գրկախառնվեցին և խոստացան հետագայում հաղորդել իրար իրնեց գործերի ապագայի մասին։ Դոն Ֆերնանդոն, հաղորդելով, թե ուր պիտի գրեն իրեն, թախանձեց, որ քահանան հաղորդի, թե ինչ կպատահի դոն Կիխոտին՝ հավատացնելով, որ աշխարհիս երեսին դրանից ավելի հաճելի բան չի լինի իր համար։ Ինքն էլ խոստացավ հաղորդել քահանային այն ամենը, որ նրան կարող է հետաքրքրել՝ իր հարսանիքի, Զորաիդայի մկրտության, դոն Լուիսի բախտի և Լյուսինդայի հայրենական տուն վերադառնալու մասին։ Քահանան խոստացավ, թե կետ առ կետ կկատարի նրա խնդիրքը։ Ապա նրանք կրկին գրկախառնվեցին և նորից առաջարկեցին իրար իրենց ծառայությունը։ Իսկ պանդոկպանը մոտեցավ քահանային և տվեց նրան ինչ֊որ թղթեր, ասելով, թե գտել է ճամպրուկի աստառի տակից, որտեղից գտնված էր Անխոհեմ֊հետաքրքիրի վեպը և ավելացրեց, թե նա կարող է բոլորը հետը տանել, քանի որ ճամպրուկի տերը երբեք չի եկել նրանց ետևից, իսկ իրեն պետք չեն, որովհետև կարդալ չգիտե։ Քահանան շնորհակալ եղավ և, բաց անելով ձեռագիրը, կարդաց վերնագիրը՝ «Ռինկոնենտեի և Կորտադիլիոյի վեպը», գլխի ընկավ, թե դա ինչ֊որ վեպ է և խորհեց, թե քանի որ Անխոհեմ֊հետաքրքիրի վեպն այնքան լավն էր, ապա հնարավոր է, որ սա նրանից վատը չէ, որովհետև ըստ ամենայնի երկուսն էլ պատկանում են միևնույն հեղինակին։ Ուստի նա վերցրեց ազատ ժամերին կարդալու դիտավորությամբ։
Ապա նա ձի հեծավ, ինչպես և իր բարեկամ դալլաքը, առանց դիմակները հանելու, որովհետև նրանք չէին կամենում, որ դոն Կիխոտն իրենց ճանաչի և գնացին սայլի ետևից։ Թափորի կարգը հետևյալն էր՝ առաջից գնում էր սայլը, որ քշում էր իր տեր գյուղացին։ Երկու կողքից, ինչպես մենք արդեն ասացինք, հրացանաձիգներն էին գնում՝ պատրույգավոր հրացաններով։ Ապա գալիս էր Սանչո Պանսան էշի վրա՝ ետևից քաշելով Ռոսինանտին։ Ետևից ջորիների վրա, դիմակները դեմքերին քահանան ու դալլաքն էին, ողջ թափորը առաջ էր ընթանում ծանր ու դանդաղ՝ համակերպվելով եզների քայլվածքին։ Դոն Կիխոտը նստած էր իր վանդակի մեջ, ձեռները կապկպած, հենված ճաղերին և ոտները մեկնած, այնքան անշարժ ու լուռ, որ ավելի քարե արձան էր հիշեցնում, քան կենդանի մարդու։ Այսպես, դանդաղ քայլերով և խորին լռությամբ անցան նրանք կես մղոնի չափ և երբ որ հասան մի հովտի, սայլապանը հայտարարեց, որ սա հանգիստ առնելու և եզներին արածացնելու վայր է։ Սակայն դալլաքը, խորհրդակցելով քահանայի հետ, առաջարկեց մի քիչ հեռու անցնել, որովհետև նա գիտեր, որ երևացող բլուրի մոտ մի ուրիշ հովիտ կա՝ առավել թավ ու հյութալի խոտով, քան այստեղ, որտեղ մտադրություն կար հանգիստ առնելու։ Բոլորը համաձայնեցին դալլաքին և շարունակեցին ուղին։
Այս վայրկյանին քահանան ետ նայեց և տեսավ, որ ետևից վեց֊յոթ ձիավորներ են գալիս՝ լավ հագնված ու կարգ ու սարքը տեղը, որոնք շուտով հասան մեր ճամփորդներին, որովհետև ծույլ ու դանդաղկոտ եզներով չէին գալիս, այլ ջորիներով, որ ունենում են եկեղեցականները և շտապում են միջօրեի հանգիստ առնել պանդոկում, որ մեկ մղոնից հեռու չէր այդտեղից։ Փութկոտները հասան դանաղաշարժներին և սիրալիր ողջույն տվին։ Եկվորներից մեկը, ինչպես հետո պարզվեց՝ տոլեդոյի եկեղեցական և իրեն ուղեկցողների տերը, տեսնելով այս տարօրինակ թափորը՝ սայլը, հրացանաձիգներին, Սանչոյին, Ռոսինանտին, քահանային, դալլաքին և մանավանդ կապկպած ու վանդակը նստեցրած դոն Կիխոտին, չկարողացավ զսպել իրեն և չհարցնել, թե ինչ կնշանակի այդ մարդուն այն եղանակով տանելը (թեև հրացանաձիգների կրած նշանները նրանց հասկանալ տվին, թե սա պետք է գող կամ այլ հանցագործ լինի, որին պատժելը Սանտա Հերմանդադին է պատկան)։ Հրացանաձիգներից մեկը, որին նա դիմեց, պատասխանեց նրան․
― Այս ասպետից հարցրեք, թե ինչ կնշանակի, որ նրան այս եղանակով են տանում, որովհետև մենք ոչինչ չգիտենք։
Դոն Կիխոտը լսելով այս խոսակցությունն, ասաց․
― Ձերդ ողորմածություն, սինյոր ասպետներ, բավականաչափ տեղյակ ու փորձվա՞ծ եք այն ամենի մեջ, ինչ վերաբերում է թափառական ասպետությանը։ Եթե այո՛, ապա ես կհաղորդեմ իմ դժբախտության մասին, իսկ եթե ո՛չ, ապա կարիք չկա, որ ես նեղություն քաշեմ բացատրություններ տալով։
Նույն պահին քահանան ու դալլաքը, նկատելով, որ եկվորները խոսակցում են դոն Կիխոտ Լամանչեցու հետ, մոտ եկան պատասխան տալու համար, որպեսզի իրենց խորամանկությունը չբացվի։
Եկեղեցականը դոն Կիխոտի հարցին պատասխանեց․
― Ճիշտն ասած, որդիս, ես Վիլյալպանդոյի Sumulas֊ից[197] ավելի շատ ասպետական վեպեր կլինեմ կարդացած, այնպես որ, եթե բանն այդ է, ապա կարող եք ապահովաբար հաղորդել ինձ, ինչ որ կամենաք։
― Աստված օգնական, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե այդպես է, խնդրեմ, սինյոր ասպետ, իմանաք, որ ես կախարդված և այս վանդակի մեջ եմ նետված չար կախարդների նախանձից ու նենգությունից, որովհետև առաքինությունը ավելի է հալածվում չար մարդկանց կողմից, քան սիրվում է բարիներից։ Ես թափառական ասպետ եմ և ոչ նրանց թվից, որոնց անունը չի հավերժացնում փառքը, այլ նրանցից, որոնց վիճակված է, հակառակ նախանձի, Պարսկաստանի մոգերի, Հնդկաստանի բրահմանների, Եթովպիայի մերկ փիլիսոփաների, գրել իրենց անունը անմահության տաճարում, որպեսզի գալիք դարերում օրինակ ու նմուշ լինի և որպեսզի թափառական ասպետները տեսնեն, թե ինչ ճամփով պիտի ընթանան, եթե ձգտում են հասնել ռազմական արվեստի գագաթին ու պատվաբեր բարձրունքին։
― Սինյոր դոն Կիխոտ Լամանչեցին ճիշտ է ասում, ― ասաց ի պատասխան քահանան, ― նա, իրոք, այս սայլով գնում է կախարդված և ոչ թե իր մեղքերի ու ոճիրների համար, այլ նրանց անհասկացողության համար, որոնց աչքում առաքինությունն անտանելի է և արիությունը՝ ատելի։ Ձեր առջև, սինյոր, Տխուր Պատկերի Ասպետն է, որի մասին դուք, թերևս, լսած լինեք։ Նրա հոյակապ գործերն ու մեծ սխրագործությունները գրած են լինելու ամուր բրոնզի և հավերժական մարմարի վրա, ինչքան նախանձը ճգնի նսեմացնել և ոխը՝ մոռացության մատնել։
Եկեղեցականը, լսելով թե ինչ ոճով են խոսում գերյալն ու ազատները, այնքան էր զարմացել, որ քիչ էր մնում երեսը խաչակնքի՝ նա չէր կարողանում ըմբռնել, թե հետը ինչ է պատահել, և նույն զարմանքն էր պատել նրա բոլոր ուղեկիցներին։ Այդ միջոցին Սանչո Պանսան, որ մոտեցել էր լսելու համար, թե ինչ են խոսում, կամենալով գործը պարզել, ասաց․
― Սինյորներ, ուզեք֊չուզեք, ես պետք է ասեմ, թե բանն այն է, որ իմ տեր դոն Կիխոտը նույնպես է կախարդված, ինչպես իմ մայրը՝ նրա խելքը տեղն է, նա ուտում֊խմում ու կատարում է իր բնական պահանջները, ինչպես ուրիշ մարդիկ և ինչպես կատարում էր երեկ, նախքան այս վանդակի մեջ նետվելը։ Այս այսպես լինելուց հետո ինչպե՞ս են կամենում ինձ համոզել, թե նա կախարդված է։ Շատերից լսել եմ ես, թե կախարդվածները չեն կարող ո՛չ ուտել, ո՛չ քնել, ո՛չ խոսել, իսկ իմ տերը, եթե նրան չընդհատեն, երեսուն փաստաբանից ավելի կխոսի։
Եվ դառնալով քահանային նա շարունակեց․
― Ա՜խ, տեր հայր, տեր հայր, մի՞թե ձերդ ողորմածությունը կարծում է, թե ես ձեզ չեմ ճանաչում և ենթադրում, թե գլխի չեմ ընկնում և ըմբռնում, թե այս նոր կախարդանքներն ո՞ւր են տանում մեզ։ Իմացած եղեք, որ ես ճանաչում եմ ձեզ, ինչքան էլ ծածկելու լինեք ձեր դեմքը, և իմացած եղեք, որ հասկանում եմ, ինչքան էլ սքողելու լինեք ձեր խաբեությունը։ Սակայն այնտեղ, որտեղ իշխում է նախանձը, առաքինությունը չի կարող ապրել, ինչպես ժլատությունը՝ առատաձեռնության հետ։ Սատանան տանի, եթե ձերդ ողորմածությունը չլիներ, հիմա իմ տերը ամուսնացած կլիներ Միկոմիկոնի թագաժառանգի հետ, և ես առնվազն կոմս կդառնայի, որովհետև ես պակասը չէի կարող սպասել իմ տեր Տխուր Պատկերի Ասպետի բարությունից, ոչ էլ իմ բազմաթիվ ծառայություններից։ Սակայն շատ ճիշտ են ասում՝ բախտի անիվն ավելի արագ է պտտվում, քան ջաղացքարը, և ովքեր երեկ գագաթնակետին էին հասել, այսօր գետնի վրա են։ Մե՛ղք իմ երեխաներ և կին, չէ՞ որ նրանք կարող էին և պետք է հուսային, թե իրենց հայրը տուն կդառնա որպես նահանգապետ կամ որևէ կղզու կամ թագավորության փոխարքա, իսկ դրա փոխարեն նրանք կտեսնեն, որ ձիապան է ներս մտնում։ Ասելուս նպատակն այն է, տեր հայր, որ շարժեմ ձեր հայրական գութը, և դուք զղջաք ձեր վատ վերաբերմունքից իմ տիրոջ նկատմամբ, զգուշացեք, հանդերձյալ կյանքում Աստված ձեզնից հաշիվ կպահանջի նրան գերելու համար և այն օգնության ու բարի գործերի համար, որ իմ տեր դոն Կիխոտը կարող էր կատարած լինել այն ժամանակի ընթացքում, երբ նա գերված էր։
― Ա՜յս էր պակաս, ― վրա բերեց դալլաքը։ ― Ուրեմն դուք, Սանչո, ձեր տիրոջ կտո՞րն եք։ Աստված վկա, ինչպես ձեզ եմ տեսնում, դուք արժանի եք ձեր տիրոջ հետ վանդակում եղբայրակցելու, որովհետև դուք էլ եք կախարդված և վարակված ասպետական ցնդաբանություններով։ Տարաժամ եք ուռել նրա խոստումներից և ո՛չ բարով մտցրել ձեր գլուխը ցանկալի կղզին։
― Ես ոչ մի բանից չեմ ուռել, ― պատասխանեց Սանչոն, ― ես այն տեսակ մարդ չեմ, որ թողնեմ ինձ ուռցնեն, նույնիսկ թագավորին։ Եվ թեև աղքատ մարդ եմ, բայց հին քրիստոնյա եմ և ոչ ոքի բան չեմ պարտ։ Իսկ եթե կղզի եմ ցանկանում, ի՞նչ կա որ, ուրիշներն էլ ուրիշ և ավելի վատ բաներ են ցանկանում։ Ամեն ոք իր գործերի զավակն է։ Ես մարդ եմ և իբրև մարդ կարող եմ պապ դառնալ, ուր մնաց թե կղզու նահանգապետ, և իմ տերը կարող է այնքան կղզի նվաճել, որ ինքն էլ չիմանա, թե ում տա։ Խորհեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր դալլաք, թե ինչեր եք խոսում։ Դա ամենևին մորուք ածիլել չի՝ և Պետրոսը Պետրոսից տարբեր է լինում։ Ասելս այն է, որ մենք բոլորս իրար ճանաչում ենք և ես գառ բռնող չեմ։ Գալով իմ տիրոջ կախարդված լինելուն՝ Աստված տեսնում է ճշմարտությունը։ Այստեղ էլ կանգ առնենք, կարիք չկա պնդել դրա վրա։
Դալլաքը չկամեցավ Սանչոյին պատասխանել՝ զգուշանալով, թե միգուցե իր պարզամտությամբ նա բաց անի այն, ինչ որ ինքն ու քահանան այնքան աշխատում էին ծածկել։ Նույն այդ պատճառով քահանան ասաց եկեղեցականին, որ հետը քիչ առաջ անցնի, որպեսզի ինքը պատմի վանդակի գաղտնիքը և այլ զվարճալի բաներ։ Եկեղեցականը համաձայնեց և, քահանայի ետևից իր ընկերակիցների հետ առաջ ընկավ և ուշի֊ուշով ունկնդրեց նրա պատմությունը դոն Կիխոտի կենցաղի, կյանքի, խելագարության ու սովորությունների մասին՝ կարճառոտ նկարագրելով նրա ցնորամտության սկիզբը և պատճառը և արկածներն ու նրանց զարգացումը մինչև այն ժամը, երբ նրան փակեցին այս վանդակում, որպեսզի տանեն իր տունը և փորձեն նրան բժշկել։ Եկեղեցականն ու նրա ուղեկիցները մնացել էին զարմացած դոն Կիխոտի արտասովոր պատմությունից, և լսելուց հետո եկեղեցականն ասաց․
― Ճշմարիտ որ, տեր հայր, ես այն կարծիքին եմ, որ այս ասպետական կոչեցյալ գրքերը սաստիկ վնասակար են պետությանը։ Մղված վատ ճաշակից ու պարապությունից՝ ես կարդացել եմ գրեթե բոլոր տպագիր գրքերի սկիզբը և երբեք չեմ կարողացել ստիպել ինքս ինձ նրանցից որևէ մեկը սկզբից մինչև վերջ կարդալ, որովհետև ինձ թվացել է բոլորն էլ, մեկն ավելի, մյուսը՝ պակաս, միևնույն բանն են և ոչ մեկում չի լինում գտնել ավելին, քան մյուսում։ Ըստ իս, գրվածքների այս սեռը, նրանց հյուսվածքը հար ու նման են Միլեթի հեքիաթներին ― անմիտ զրույցներ, որ կարող են լոկ հաճույք պատճառել, բայց ոչ ուսուցել։ Ընդհակառակը՝ ապոլոգների հեքիաթները[198] միաժամանակ հաճելի են և ուսանելի։ Եվ եթե նման գրքերի գլխավոր նպատակը հաճույք պատճառելն է, ապա ես չգիտեմ, ինչպես են կարող նրանք իրենց նպատակին հասնել, քանի որ լի են այնքան վայրենի անմտություններով։ Հաճույքը, որ ծագում է մեր հոգում, իրերի գեղեցկությունից ու ներդաշնակությունից է, որ մենք տեսնում կամ ըմբռնում ենք երևակայությամբ, իսկ տգեղ ու տձև երևույթները մեզ չեն կարող բավարարել։ Արդ, ի՞նչ գեղեցկություն կարող է լինել, մասերի համապատասխանություն ամբողջի և ամբողջինը՝ մասերի, մի վեպում կամ պատմվածքում, որի մեջ տասնվեց տարեկան տղան խոցում է թրով աշտարակի հասակ ունեցող հսկային և նրան երկու կտոր է անում, ասես թե գաթա լինի կամ թե չէ ճակատամարտ է նկարագրվում, և հեղինակը հաղորդում է մեզ, թե թշնամու բանակում մեկ միլիոն մարտիկ է լինում և բավական է լինում, որ գրքի հերոսը ելնում է նրանց դեմ մեն֊մենակ ― ուզես֊չուզես հավատա՛ ― և ասպետը իր հզոր բազկի ուժով կատարյալ հաղթանակ է տանում։ Ի՞նչ կասենք այն դյուրության, որով մի թագուհի կամ մեծ կայսրության ժառանգ նետվում է անհայտ թափառական ասպետների գիրկը։ Ինչ անտաշ ու բարբարոսական երևակայություն է պետք հաճույք ստանալու համար՝ թե ասպետներով լի մի բարձր աշտարակ լողում է ծովի մեջ առագաստանավի պես, փչում է հաջողակ քամի, և այսօր նավը Լոմբարդիայի ափերի մոտ է, իսկ վաղը առավոտյան՝ Հնդկաստանում, Խուան երեցի հողում կամ այլ երկրներում, որ ո՛չ Պտղոմեոսն է նկարագրել, ո՛չ Մարկո Պոլոն տեսել։[199] Իսկ եթե ինձ առարկելու լինեն, թե այս գրքերի հեղինակները հեքիաթներ են տալիս և պարտադիր չեն համարում պահպանել ճշտություն ու համաչափություն, ապա ես կպատասխանեմ, որ հերյրուրանքն այնքան ավելի լավ է, որքան նման է ճշմարտության և այնքան ավելի հաճելի, որքան ավելի մոտ են հավանական ու հնարավորին։ Հերյուրած պատմությունները պետք է համապատասխանեն ընթերցողի ըմբռնումին և պետք է այնպես գրվեն, որ անկարելին մեղմանա, չափազանցը հարթվի և, մեր ուշադրությունը գրավելով, նրանք հիացում առաջ բերեն, զարմանք, հուզմունք և հաճույք, միաժամանակ և միաչափ ներշնչեն և՛ զարմանք, և՛ խնդություն։ Իսկ այդ նպատակին երբեք չի հասնի մի գրող, որ խուսափում է նման լինել ճշմարտության և նմանողությունից, իսկ գրական գործի կատարելությունն էլ հենց այդ է։ Ես երբեք չեմ հանդիպել մի ասպետական վեպի, որի ֆաբուլան մի մարմին կազմեր բոլոր իր անդամներով այնպես, որ մեջտեղը համապատասխաներ սկզբին, իսկ վերջավորությունը՝ սկզբին ու մեջտեղին։ Սովորաբար հեղինակներն այնքան բազմաթիվ անդամներից են հյուսում, որ կարծես թե միտք են դրել հրեշ ստեղծելու, և ոչ թե համաչափ մի կերպարանք։ Բացի այդ՝ նրանց ոճը կոպիտ է, արվածները՝ անհավատալի, սիրահարությունները՝ վավաշոտ, վարվեցողությունն՝ անկիրթ, մարտագրություններն՝ անվախճան, դատողություններն՝ անիմաստ, ուղեգրություններն անմիտ, վերջապես, նրանք այնքան զուրկ են ճշմարիտ արվեստից, որ պետք էր նրանց աքսորել քրիստոնյա պետություններից, որպես անպետք մարդկանց։
Քահանան ուշի֊ուշով ունկնդրում էր․ եկեղեցականը նրան թվաց խելացի մարդ և ասածները՝ իմաստալից, ուստի նա ասաց, որ ինքն էլ նույն կարծիքին է, ատելով ատում է ասպետական գրքերը և իր ժամանակին այրել է դոն Կիխոտի բազմաթիվ գրքերը։ Նա պատմեց, թե ինչպես ինքը քննություն կատարեց՝ հիշատակելով, թե որոնք է մատնել կրակի և որոնք խնայել։ Եկեղեցականը շատ ծիծաղեց և ասաց, որ չնյած այդ գրքերի բոլոր պակասություններին, նրանց մեջ քիչ֊շատ լավ բան էլ կա, այն է՝ նրանց նյութը թույլ է տալիս լուսամիտ մարդուն դրսևորել իր ուժերը, որովհետև լայն ու արձակ դաշտ է բացվում նրա առջև, որտեղ նրա գրիչը կարող է անարգել թափ առնել՝ նկարագրելով նավերի խորտակում, ծովի ալեկոծություն, ընդհարումներ և ճակատամարտեր։ Նա կարող է նկարագրել արի կապիտանի, նրան անհրաժեշտ բոլոր հատկություններով, որը գիտե կանխել թշնամու դավերը, որ հռետոր է և ճարտասանությամբ համոզում է կամ հետ է պահում իր զինվորներին, որ խելահաս է՝ խորհրուրդում, արագ՝ գործողության մեջ և հավասարաչափ քաջ է թե՛ սպասողական, թե՛ հարձակողական ժամին։ Նրանք կարող են նկարագրել մերթ ողբալի, մերթ ողբերգական դեպքեր, մերթ անակնկալ ուրուխ անցքեր։ Ահա մի չքնաղ տիկին՝ համեստ, խելացի և զգույշ, ահա քրիստոնյա ասպետ՝ արի և պարկեշտ, ահա մի կոպիտ քյալլագյոզ և պարծենկոտ, ահա՛ և սիրալիր, արի ու նուրբ արքայազն, որ բարի և ուղղամիտ է իրենից ստորադասների նկատմամբ, ահա ազնիվ ու վեհանձն տեր։ Հեղինակը կարող է ներկայացնել աստղագետի, աշխարհագրի և երաժիշտի, մեկին, որ տեղյակ է պետական գործերին, իսկ հարմար առիթով՝ մոգի։ Նա կարող է պատմել մեզ հնարագետ Ուլիսից, բարեպաշտ Էնեոսից, արի Աքիլլեսից, Հեկտորի դժբախտություններից, Սինոնի դավաճանությունից, Էվրիայի բարեկամությունից, Ալեքսանդրի առատաձեռնությունից, Կեսարի քաջությունից, Տրայանոսի մեղմությունից ու ճշմարտասիրությունից, Զոպերի հավատարմությունից, Կատոնի իմաստությունից, մի խոսքով՝ բոլոր հատկություններից, որ մեծ մարդկանց կատարյալ են դարձնում։ Նրանցից է կախված բոլոր այդ հատկությունները մի հերոսի հատկացնել, թե բաժանել մի քանիսի միջև։ Եվ եթե այս ամենը վարպետորեն հնարված լինի և հաճելի ոճով գրված և եթե հնարանքը իրականությունից շատ չշեղվի, ապա գեղեցիկ, երփներանգ թելերից նա անպայման կգործի մի հյուսվածք, որ ավարտված լինելուց հետո այնպիսի գեղեցկություն ու կատարելություն կդառնա, որ կվաստակի պսակ մտավոր երկերի մեջ, որոնց նպատակն է, ինչպես արդեն ասացի, ուսուցանել և հաճույք պատճառել։ Վեպի ազատ ձևը հեղինակին հնարավորություն է տալիս լինել դյուցազներգու, քնարերգակ, ողբերգակ և կատակերգու՝ միացնելով բոլոր տարրերը, որ պարփակված են բանաստեղծության և ճարտասանության հաճելի և քաղցր գիտության մեջ, որովհետև դյուցազներգությունը կարող է գրվել և՛ արձակ, և՛ ոտանավորով։
Գլուխ XLVIII
Եկեղեցականը շարունակում է դատողություն անել ասպետական գրքերի և իր նրբամտության արժանի այլ նյութերի մասին
― Ձերդ ողորմածության բոլոր ասածները, տեր եկեղեցական, արդարացի են, ― ասաց քահանան, ― առավել ևս արժանի են նախատինքի նման գրքերի արդի հեղինակները, որոնք հոգ չեն տանում լավ շարահյուսության, արվեստի և կանոնների մասին, որոնց հետևելով նրանք կարող էին արձակի մեջ հռչակվել այնպես, ինչպես պոեզիայի երկու իշխանները՝ հույն և հռովմայեցի։[200]
― Ես ինքս մի ասպետական գիրք հորինելու փորձ եմ արել, ― շարունակեց եկեղեցականը, ― հետևելով վերոհիշյալ կանոններին և, ճիշտն ասած, գրեցի ավելի քան հարյուր էջ, ապա, համոզվելու համար, թե գիրքն, իրոք, այնպես է դուրս եկել, ինչպես ինձ է թվում, ես կարդացի նման ընթերցանության սիրահարներին՝ խելացի և բարեկիրթ մարդկաց, ինչպես և ամեն անհեթեթության ականջ կախող տգետներին, և սրա՛նք էլ, նրա՛նք էլ հավանություն տվին։ Այնուամենայնիվ, ես իմ ձեռնարկը չշարունակեցի, որովհետև նախ ինձ թվաց, թե դա անվայել է իմ աստիճանին, ապա՝ տխմարները թվով գերազանցում են խելոքներին։ Եվ թեև սակավաթիվ հասկացող մարդկանց գովասանքը նախընտրելի է, քան բազմաթիվ տգետների նշավակությունը, այնուհանդերձ ես չկամեցա ենթակա լինել անհաստատ ամբոխի անմիտ կարծիքին, չէ՞ որ այդ ամբոխն է նման գրքերի գլխավոր պահանջողը։ Սակայն առանձնապես ինձ համոզեց թողնել այդ գործը և գիրքն ավարտելու միտքը ա՛յն դիտողությունը, որ ես արի հիմիկվա ներկայացրած կոմեդիաներից։ Այդ կոմեդիաները, ասում էի ինքս ինձ, որոնց առնվազն մեծամասնությունը, թե՛ պատմական նյութից, թե՛ հորինածները, անհեթեթ գրվածքներ են, այլանդակություններ, որ ո՛չ գլուխ ունեն, ո՛չ ոտներ և, այնուամենայնիվ, ամբոխը հաճույքով է նայում և հավանում, թեև բնավ հավանելու բաներ չեն։ Նրանց հորինող հեղինակներն ու ներկայացնող դերասանները պնդում են, որ այպես էլ պետք է լինեն, որովհետև հասարակությունն այդ տեսակն է պահանջում և ո՛չ ուրիշը։ Իսկ այն հեղինակները, որ տպավորություն են գործում, զարգացնելով գործողությունը համաձայն կանոնների, բավարարում են մի երեք֊չորս հասկացող հոգու, որոնք ըմբռնում են գեղեցկությունը, մինչդեռ մնացյալները հասկանալու ունայն ճիգեր են գործում, իսկ ավելի ձեռնտու է ապրուստ աշխատել բազմաթիվ մարդկանց միջոցով, քան լավ համբավ՝ աննշան քանակության մարդկանց շնորհիվ։ Նույնը պիտի լինի նաև իմ գրքի հետ՝ ես խանձելու եմ հոնքերս,[201] ձգտելով պահպանել բոլոր վերոհիշյալ կանոնները, և ընկնելու եմ այդ դերձակի դրության մեջ, որ ձրի կարում է, թելն էլ ինքը տալիս։[202] Իզուր փորձեցի քանիցս համոզել կոմեդիաների հեղինակներին, որ նրանց հայացքները սխալ են, որ եթե անհեթեթություններ հորինելու փոխարեն նրանք ներկայացնեին ըստ կանոնների գրած պիեսներ, ավելի շատ հասարակություն կգրավեին և ավելի մեծ հռչակ ձեռք կբերեին, բայց նրանք այնքան համառ ու կույր են իրենց կարծիքի մեջ, որ ո՛չ փաստարկումները, ո՛չ ակներևությունն իսկ չեն կարողանում նրանց համոզել։ Հիշում եմ, ինչպես մի օր ես ասացի այդ համառներից մեկին․ «Հիշո՞ւմ եք արդյոք, մի քանի տարի առաջ Իսպանիայում բեմադրվում էին երեք ողբերգություն, որ հորինել է մեր թագավորության հռչակավոր մի պոետ, որոնք այն տեսակ էին, որ զարմացնում, հուզում և հիացնում էին բոլոր հանդիսատեսներին, նույնքան տխմարներին, որքան կիրթ մարդկանց, նույնքան ամբոխին, որքան ընտիր մարդկանց, և նրանք դերասաններին ավելի շահ էին բերում, քան նրանցից հետո բեմադրված երեսուն լավագույն պիեսները»։ «Ձերդ ողորմածությունը, ― պատասխանեց հեղինակը, որի հետ էր խոսակցությունս, անտարակույս, ակնարկում է «Իզաբելան», «Ֆիլիդան» և «Ալեքսանդրան»։[203] «Այո, ― պատասխանեցի ես, ― խոսքս նրանց մասին է։ Նկատի առեք, որ արվեստի բոլոր կանոնները նրանց մեջ խստիվ պահպանված են և չնայած դրան, նրանք երևան եկան այնպես, ինչպես կային և դուր եկան բոլոր հանդիսականներին։ Հետևաբար, մեղավորը հասարակությունը չէ, որ իբր թե անհեթեթ հանդեսներ է պահանջում, այլ նրանք, ովքեր այլ բան ցույց տալ նրան չեն կարողանում։ Դուք անհեթություններ չեք գտնի «Պատժված անշնորհակալության» մեջ, «Նումանսիայի» մեջ, «Սիրահարված վաճառականի» մեջ, «Բարեհաճ թշնամուհու» մեջ և մի քանի այլ պիեսներում, որ գրել են լուսամիտ պոետները, որ նրանց հռչակ են բերել, իսկ դերասաններին մեծ եկամուտ»։ Ես ուրիշ շատ փաստարկումներ ավելացրի սրան, որ նրան հանեմ մոլորությունից, սակայն տեսա, որ նա շփոթվել է, բայց չի համոզվել։
― Ձերդ ողորմածությունը, տեր եկեղեցական, ― ասաց քահանան, ― շոշափում է մի խնդիր, որ իմ մեջ վերստին առաջ է բերում հին թշնամանքը դեպի հիմիկվա կոմեդիաները, որ ավելի նվազ չէ, քան դեպի ասպետական գրքերը տածածս զգացմունքը։ Տուլիոսի ասելով՝[204] պիեսը պետք է մարդկային կյանքի հայելին լինի, բարքերի օրինակ և ճշմարտության պատկեր, իսկ այժմ բեմադրվող կոմեդիաները անհեթեթության հայելի են, հիմարության օրինակ և վավաշոտության պատկեր։ Եվ, իրավ, կարո՞ղ է ավելի մեծ անհեթեթություն լինել, քան այն, երբ առաջին արարի առաջին տեսարանում մեզ խանձարուրների մեջ փաթաթված երեխա են ցույց տալիս, իսկ երկրորդում դուրս են բերում արդեն հասակ առած, միրուքավոր տղամարդ։ Անհեթեթություն չէ՞ արդյոք ծերունուն արի դուրս բերելը, երիտասարդին՝ երկչոտ, սպասավորին՝ հռետոր, մանկլավիկին՝ խորհրդատու, թագավորին՝ մշակ, իսկ արքայադստերը՝ աղախին։ Ի՞նչ կասեք ժամանակի մասին, որի ընթացքում կարող են կատարվել գործողությունները։[205] Ես տեսել եմ մի պիես, որ առաջին արարը կատարվում է Եվրոպայում, երկրորդը՝ Ասիայում, իսկ երրորդը՝ Աֆրիկայում։ Իսկ եթե պիեսը չորս արար ունենար, ապա չորրորդը ապահովաբար կկատարվեր Ամերիկայում և այդպիսով գործողությունը կծավալվեր աշխարհիս չորս մասերում։[206] Եթե ընդունելու լինենք, որ թատերական գրվածքի հիմքը նմանողությունն է, ապա ի՞նչ բավարարություն կարող է ստանալ անգամ միջակ հանդիսատեսը, տեսնելով, որ պիեսի գործողությունը կատարվում է Պիպին և Մեծն Կառլոս թագավորների օրոք, իսկ գլխավոր հերոսը Հերակլիտ կայսրն է, որին հեղինակը խաչակիր է դարձնում և ստիպում մտնել Երուսաղեմ ու նվաճել Քրիստոսի գերեզմանը։ Գոտֆրիդ Բուլոնացու պես, մինչդեռ այդ անձնավորությունները բաժանված են իրարից ժամանակի ահագին տարածությամբ։ Իսկ եթե թատերական երկը հերյուրանքի վրա է հիմնված, ապա անմտություն չէ՞ միթե նրանց մեջ պատմական փաստեր մտցնելը և մի կույտի մեջ գցել զանազան ժամանակ և տարբեր մարդկանց պատահած դեպքերը, այն էլ արհամարհելով ճշմարտանմանությունը և ակնբախ, ոչ մի բանով չարդարացվող սխալներով։ Ամենից վատն այս է, որ դեռևս գտնվում են տխմարներ, որոնք պնդում են, թե կատարելությունն էլ հենց այդ է, իսկ մնացածը պարապ որոնում է։ Անցնենք հոգևոր ներկայացումներին։ Ինչքա՜ն անհնար հրաշքներ, պարականոն և թյուր ըմբռնած անցքեր կան նրանց մեջ, ի՜նչ հաճախ մեկ սուրբի կատարած հրաշքները վերագրվում են մյուսին։ Ասենք՝ աշխարհիկ պիեսներում էլ հեղինակները խիզախում են առանց որևէ հիմքի և հարգելի պատճառի հրաշքներ դուրս բերել միմիայն այն պատճառով, որ այդ հրաշքները, կամ ինչպես իրենք են անվանում՝ տեսիլները նրանց աչքում հարմարավոր են երևում, ընդունակ ապշեցնել տգետ ամբոխին և ներգրավել նրան թատրոն։ Այդ ամենը կատարվում է ի վնաս ճշմարտության, հակառակ պատմության և խայտառակում է իսպանական գրողներին, որովհետև օտարերկրացիք, որ խստիվ պահպանում են թատերագրության կանոնները, մեզ բարբարոս ու տգետ են համարում՝ տեսնելով մեր հեղինակությունների անհեթեթություններն ու ցնդաբանությունները։ Մենք վատ կարդարանային, եթե ասելու լինեինք, թե հիմնական նպատակը, որ հետապնդում են բարեկարգ պետությունները, թույլատրելով հրապարակային ներկայացումներ, հասարակությանը վայելուչ զվարճություն պատճառելն է և պարապությունից առաջացող վատ հակումներից հեռացնելը և, քանի որ թե՛ լավ, թե՛ վատ պիեսները համահավասար հասնում են այդ նպատակին, ուստի կարիք չկա նրանց վզին օրենքներ փաթաթել և հեղինակներին հարկադրել գրել, իսկ դերասաններին՝ ներկայացնել համաձայն կանոնների, որովհետև, ինչպես արդեն ասացի, ամեն մի թատերագրություն հասնում է իր նպատակին։ Ի պատասխան այդ ամենի՝ ես կասեի հետևյալը․ մենք այդ նպատակին անհամեմատ ավելի հաջող կհասնեինք՝ հորինելով ո՛չ թե վատ, այլ լավ պիեսներ, որովհետև ճարտար ու կանոնավոր կառուցած պիեսների ներկայացումից հետո հանդիսատեսը դուրս է գալիս թատրոնից զվարճացած՝ կատակներից, խրատված՝ բարոյականից, հիացած՝ անցքերից, ավելի իմաստուն՝ դատողություններից, ավելի զգույշ՝ խարդախությունից, ավելի գիտակ՝ օրինակներից, վրդավված՝ արատներից և սիրահարված՝ առաքինությանը, ― որովհետև լավ թատերգությունը պետք է ներշնչի բոլոր այս զգացմունքները անգամ ամենակոպիտ ու բութ հոգուն։ Եվ միանգամայն անհնարին է, որ բոլոր այս արժանիքներն իր մեջ պարփակող մի պիես չզարճացնի, չբավարարի և չուսուցանի ավելի, քան բոլոր այս հատկություններից զուրկ մի ներկայացում, ― իսկ արդի թատերագրությունների մեծ մասը հենց այդ տեսակ է։ Մեղավորը նման պիեսներ հորինող հեղինակները չեն, ― նրանցից շատերը շատ լավ ըմբռնում են իրենց մոլորությունը և շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք գրել։ Ցավն այն է, որ մեր օրերում, թատերագրությունները պարզապես ապրանք են դառել և հեղինակներն ասում են (և արդարացի են ասում), եթե ըստ ընդունված ձևի գրած չլինեն՝ դերասանները չեն գնի։ Ուստի նրանք աշխատում են հարմարվել դերասանների պահանջներին, որոնք վճարում են նրանց հեղինակությունների համար։ Այս ճշմարտությունը կարելի է հաստատել մեր պետության մեծագույն հեղինակների գրած բազում, ավելի ճիշտ՝ բազմաթիվ թատերագրություններով։ Ինչքա՜ն փայլ, նրբություն, երևելի ոտանավորներ, իմաստուն դատողություններ և խորիմաստ ասություններ կան նրանց մեջ։ Մի խոսքով՝ նրանց լեզուն ու ոճն այնքան վեհ են, որ այդ թատերագրությունները հռչակվել են բովանդակ աշխարհում, և, այնուհանդերձ, նրանցից քչերն են լոկ և ոչ թե բոլորը կատարելության գագաթին հասնում, նրա համար, որ նրանց հեղինակը հակամետ է հարմարվելու դերասանների ճաշակին։[207] Կան հեղինակներ, որոնք այնքան անփույթ են պիեսներ գրում, որ ներկայացումից հետո դերասանները, հալածանքից երկյուղ կրելով, հարկադրված են լինում փախչել, որովհետև քանիցս նրանք թագավորի կամ որևէ ազնվական տոհմի արժանապատվության համար վիրավորական պիեսներ ներկայացնելուց հետո ենթարկվել են հալածանքի։ Չարաշահությունները, որոնց մասին ասացի և շատ ուրիշները, որոնց մասին լռություն են պահպանում, կընդատվեին, եթե մայրաքաղաքում գտնվեր որևէ լուսամիտ և խելացի անձնավորություն, որը, մինչև հրապարակային ներկայացումը, աչքի անցկացներ բոլոր թատերագրությունները, այն էլ այնպես, որ քննության ենթարկվեին ոչ թե մայրաքաղաքում բեմադրվելիք, այլ ընդհանրապես բովանադակ Իսպանիայում ներկայացվելիք պիեսները, որպեսզի առանց այդ անձնավորության հավանության, կնիքի և ստորագրության տեղական իշխանությունները ոչ մի վայրում որևէ ներկայացում թույլ չտային։ Եթե գործն այսպես դրված լիներ, դերասանները, պարտավոր կլինեին ուղարկել մայրաքաղաք պիեսները և ապա աներկյուղ ներկայացնել, իսկ հեղինակները ավելի խնամքով կվերաբերվեին իրենց գործին՝ երկյուղ կրելով գիտակ անձնավորության խիստ դատաստանից։ Այսպիսով մեզանում երևան կգային լավ թատերական գրվածքներ, որ լիովին կծառայեին իրենց նպատակին՝ զվարճացնել ժողովրդին և պահպանել իսպանական գրողների հռչակը։ Միաժամանակ դերասանների եկամուտն ապահովված կլիներ, նրանք վտանգի չէին ենթարկվի, և իշխանոթյունը հարկ չէր ունենա որևէ մեկին հալածելու։ Եվ եթե այդ իսկ անձնավորության կամ որևէ ուրիշին հանձնված լինի մեր օրերում լույս տեսնող ասպետական գրքերի քննությունը, անտարակույս, երևան կգային վեպեր, որ կհասնեին ձերդ ողորմածության ակնարկած կատարելության։ Նրանք կհարստացնեին մեր լեզուն ճարտասանության թանկագին ու հաճելի գանձերով, իրենց փայլով կնսեմացնեին հին վեպերը և ազնիվ հանգիստ կբերեին ոչ միայն պարապ մտքերի համար, այլև ամենազբաղվածներին, որովհետև նետի լարը չի կարող շարունակ լարված մնալ, մարդկային բնությունն էլ ի՛ր թուլության պատճառով ունի կարիք վայելուչ զվարճության։
Այստեղ եկեղեցականի և քահանայի խոսակցությունն ընդհատվեց դալլաքի երևան գալու պատճառով, որ հասնելով նրանց, ասաց․
― Սինյոր լիցենցիատ, ահա՛ այն տեղը, որի մասին ես ասում էի։ Լավ կլինի, որ մենք այստեղ հանգիստ առնենք, իսկ մեր եզները առատ ու թարմ արոտ կգտնեն այստեղ։
― Ես միանգամայն համաձայն եմ, ― պատասխանեց քահանան։
Նա տեղեկացրեց եկեղեցականին, որը հայտարարեց, թե ինքն էլ հաճույքով կհանգստանա նրանց հետ, որովհետև այստեղից բացվող հովիտը շատ գեղեցիկ է տարածվել։ Եվ ահա, այդ հովիտը վայելելու և քահանայի հետ, դեպի որը նրա համակրանք էր զգում, զրուցելու, այլև դոն Կիխոտի սխրագործություններին ամեն մանրամասնություններով տեղեկանալու համար նա հրամայեց իր ծառաներից մի քանիսին գնալ պանդոկ, որ մոտիկ էր գտնվում և այնտեղից ամբողջ հասարակության համար ուտելու բան բերել, որովհետև վճռել էր այս հովտում հանգիստ առնել։ Ծառաներից մեկը պատասխանեց եկեղեցականին, թե պաշարի ետևից գնացած ջորին շուտով պիտի գա, և նրա բերածը բոլորին հերիք կտա և պանդոկում կարիք կլինի միմիայն անասունների համար վարսակ գնել։
― Որ այդպես է, ― ասաց եկեղեցականը, ― տարեք այնտեղ մեր բոլոր գրաստները և շուտով ետ բերեք ջորին։
Այս ամենը տեղի ունենալու միջոցին Սանչոն, օգտվելով իր տիրոջ հետ առանձին խոսելու հնարավորությունից, առանց քահանայի և դալլաքի մշտական ներկայության, որոնք կասկածանքով էին վերաբերվում նրան, մոտեցավ վանդակին, որի մեջ նստած էր դոն Կիխոտը և ասաց․
― Տեր, խիղճս հանգստացնելու համար ես պետք է ասեմ, թե ձեր կախարդված լինելու շուրջը ինչեր են կատարվում։ Այս երկու դիմակ կրողները, տեսնո՞ւմ եք, մեր գյուղի քահանան ու դալլաքն են և ես համոզված եմ, որ նրանք ձեզ այսպես բանտարկված են պահում խանդից, որ դուք գերազանցում եք նրանց ձեր նշանավոր սխրագործություններով։ Իսկ եթե այդպես է, ապա դուրս է գալիս, որ դուք ոչ թե կախարդված եք, այլ ձեզ խաբել են ու ձեռ են առել։ Իբրև ապացույց, թույլ տվեք ձեզ մի հարց տալ և եթե դուք ինձ պատասխանեք իմ սպասածին պես, ապա դուք ակնհայտնի կեպով կհամոզվեք, որ խաբված եք և կհամաձայնեք, որ դուք այլևս կախարդված չեք, այլ խելագարված։
― Հարցրո՛ւ, ինչ որ կամենաս, Սանչո զավակս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ես կբավարարեմ քեզ և կպատասխանեմ բոլոր քո հարցերին։ Գալով քո ասածին, թե մեզ հետ եկող այն երկու հոգին իբր թե մեր համագյուղացիներն են ու հին ծանոթներն են՝ քահանան ու դալլաքը, հնարավոր է, որ քեզ այդպես է թվում։ Սակայն դու ոչ մի դեպքում չպիտի կարծես, որ դա, իրոք, այդպես էլ կա։ Ընդհակառակը՝ դու պետք է հավատաս ու հասկանաս, որ եթե նրանք քեզ այդպես են ներկայանում, ապա դա նրանից է, որ ինձ կախարդող կախարդները նրանց պատկերն ու կերպարանքն են ընդունել, որովհետև կախարդները շատ հեշտ ինչ կերպարանք ասես կարող են ընդունել։ Նրանք մեր բարեկամների կերպարանքը հենց նրա համար են ընդունել, որպեսզի քեզ դրդեն կարծելու այն, ինչ որ դու կարծում ես և տանեն քեզ մոլորությունների լաբիրինթոսը, որից քեզ չի հաջողվի դուրս գալ, եթե անգամ դու՝ Թերսևսի թելն ունենալու լինեիր, համ էլ նրա համար, որպեսզի մտքերս շփոթվեն, և ես չկարողանամ գլխի ընկնել, թե այս դժբախտությունը որտեղից հասավ ինձ։ Եթե մեկ կողմից դու ասում ես, թե ինձ ուղեկցում են մեր գյուղացի քահանան ու դալլաքը, իսկ մյուս կողմից ես տեսնում եմ, որ ինձ վանդակի մեջ են գցել և գիտեմ, որ ինձ կարող էին այդպես գերել լոկ գերբնական ուժերը և ոչ թե մարդկային, ապա դու ի՞նչ կկամենայիր, որ ես հետևցրած լինեմ դրանից, եթե ոչ այն, որ ինձ կախարդելու եղանակը գերազանցում է այն ամենը, ինչ որ ինձ պատահել է կարդալ վեպերում կախարդված թափառական ասպետների մասին։ Ուստի դու կարող ես հանդարտվել և սյլևս դրա մասին չմտածել՝ նրանք նույնպիսի քահանա ու դալլաք են, ինչպիսի տաճիկ եմ ե՛ս։ Իսկ հիմա հարցրու ինձնից, ինչ որ կամենաս և ես կպատասխանեմ քեզ, անգամ եթե դու մինչև վաղը ինձ հարցեր տալու լինիր։
― Սուրբ կույս Աստվածածին, դու ինձ օգնական, ― բարձրաձայն բացականչեց Սանչոն։ ― Հնարավո՞ր է, որ ձերդ ողորմածությունը այնքան հաստագլուխ ու խելքից պակաս լինի, որ չտեսնի, թե ես զուտ ճշմարտություն եմ ասում և որ ձեր գերությունն ու դժբախտությունը հետևանք է նենգության և ոչ թե կախարդանքի։ Շատ բարի, ես ակնբախ կերպով կապացուցեմ, որ դուք կախարդված չեք։ Աբա, ասացեք՝ թող Աստված օգնի ձեզ ազատվել այս աղետից և հանկարծակի տիրուհի Դուլսինեայի գիրկն ընկնել․․․
― Վերջ տուր կապկի խոսքեր ասելուդ, ― ասաց դոն Կիխոտը, ― և հարցրու վերջապես, ինչ որ ուզում էիր, ես քեզ ասացի, որ ամենայն ճշմարտասիրությամբ կպատասխանեմ։
― Հենց այդ էլ ինձ պետք էր, ― պատասխանեց Սանչոն, ― և ցանկալի է, որ դուք ամենայն անկեղծությամբ, առանց մի բան ավելացնելու և պակասեցնելու, ինչպես վայել ու պարտադիր է ամենքին, ովքեր ձերդ ողորմածության նման նվիրվել են ռազմական գործին և թափառական ասպետի կոչումն են կրում։
― Ասում եմ քեզ՝ ոչ մի սուտ խոսք չեմ ասի, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Դե հարցրու վերջապես։ Դու իմ զահլան տարար, Սանչո, քո առաջաբաններով, ծածկամտությամբ ու առակախոսությամբ։
― Իսկ ես կասեմ, որ վստահ եմ տիրոջ ազնվության ու ճշմարտասիրության մեջ, ուստի, քանի որ տեղը եկավ, ես կհարցնեմ՝ ձերդ ողորմածության վանդակի մեջ ընկնելուց հետո, կամ, ինչպես ինքներդ եք կարծում, այդ վանդակում կախարդվելուց հետո ձեր մեջ ցանկություն կամ պահանջ չի ծագել, ինչպես ասում են, դուրս գնալ փոքր կամ մեծ կարիքով։
― Չեմ հասկանում, Սանչո, ինչ կարիքի մասին է խոսքդ։ Եթե ուզում ես, որ շիտակ պատասխան տամ, պարզիր, թե ինչ է ուզածդ։
― Մի՞թե ձերդ ողորմածությունը չի հասկանում մեծ կամ փոքր կարիքով դուրս գնալը։ Դպրոցում, ծծկեր մանուկներին անգամ սովորեցնում են դրան։ Ասելս այն է, թե ցանկություն չե՞ք ունեցել անել այն, ինչ որ անխուսափելի է։
― Այո՛, այո՛, հասկացա քեզ, Սանչո։ Շա՜տ։ Հիմա էլ հենց ուզում եմ։ Ազատի՛ր ինձ․ խնդրեմ, թե չէ տեղս արդեն աղտոտել է։
Գլուխ XLIX
Որ պարունակում է խելացի խոսակցություն Սանչո Պանսայի և նրա տիրոջ՝ դոն Կիխոտի միջև
― Ըհը՛, ― ասաց Սանչոն, ― հո բռնեցի՜։ Հենց այդ էլ, արևս վկա, ուզում էի ես իմանալ։ Կարո՞ղ եք, սինյոր, հիմա ժխտել, որ սովորաբար, երբ մեկն ու մեկը տկար է, ասում են․ «Չգիտեմ, թե ֆլանին ինչ է պատահել ― ո՛չ ուտում է, ո՛չ խմում, ո՛չ քնում, ոչ էլ հարցերին հանգիստ պատասխանում, երևի՝ կախարդված է»։ Հետևաբար կախարդվածը նա՛ է, ով որ չի ուտում, չի խմում, չի քնում, չի բավարարում իր բնական պահանջը, որի մասին ես արդեն ակնարկեցի, և ո՛չ թե նա, ով որ ձերդ ողորմածության պես բնական պահանջն զգում է, խմում է, երբ որ տալիս են, ուտում է, երբ որ առաջարկում են և պատասխանում իրեն տված բոլոր հարցերին։
― Ճիշտ ես ասում, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն ես քեզ արդեն ասացի, որ կախարդության բազմաթիվ եղանակներ կան, և շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այդ եղանակները փոխվել են, և հիմա կախարդվածներն անում են այն, ինչ որ ես եմ անում և ինչ որ առաջ չէին անում, իսկ ընդունված սովորության դեմ ո՛չ կարելի է առարկել, ո՛չ էլ զանազան փաստարկումներ բերել։ Ես գիտեմ, և հավատացած եմ, որ ինձ կախարդել են, ուստի իմ խիղճը հանգիստ է։ Խիղճս հանգիստ չէր լինի, եթե ես կարծեի, թե կախարդված չեմ և որ նստած եմ մնում այս վանդակի մեջ, որպես պարապ ու փոքրոգի մարդ, զրկելով խեղճ ու տկարներին իմ օգնությունից, որոնք այս իսկ ժամին իմ պաշտպանության ու օգնության ծայրաստիճան և սուր անհրաժեշտությունն են զգում։
― Այնուհանդերձ, ― պատասխանեց Սանչոն, ― ինձ թվում է, թե ձերդ ողորմածության ավելի բավական և գոհ լինելու համար պետք է փորձել ազատվել այդ բանտից, և ես պարտավորվում եմ իմ ողջ կարողությամբ դյուրացնել և անգամ դուրս բերել ձեզ այստեղից և փորձել նորից հեծնել քյահլան Ռոսինանտին, որ կարծես թե նույնպես կախարդված է, նայած նրա թախծոտ ու մելամաղձոտ տեսքին։ Եվ գլուխ բերենք այդ թե չէ, նորից մենք կփորձենք մեր բախտը արկածախնդրության մեջ։ Իսկ եթե գործը գլուխ գալու չլինի, ժամանակ կունենանք վերադառնալու վանդակը և, խոստանում եմ իբրև բարի և հավատարիմ զինակիր, որ ինքս էլ ձեր ողորմածության հետ կնստեմ վանդակի մեջ, եթե ձերդ ողորմածությունն այնքան դժբախտ լինի և ինքս այնքան անշնորհք, որ ասածս չկարողանանք գլուխ բերել։
― Սիրով կանեմ քո ասածը, եղբայդ Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― հենց որ նպաստավոր առիթ լինի քո ծրագիրն իրագործելու և ինձ ազատելու, ես քեզ կհնազանդեմ ամեն ինչում։ Սակայն, Սանչո, դու կտեսնես, թե որքան սխալ է քո դատողությունը իմ դժբախտության մասին։
Այսպես էին զրույց անում թափառական ասպետն ու նրա դժբախտ զինակիրը, մինչև որ հասան այն տեղը, որտեղ իջել և նրանց էին սպասում քահանան, եկեղեցականն ու դալլաքը։ Սայլապանը իսկույն արձակեց եզներին և բաց թողեց, որ արածեն խաղաղ ու կանաչ դաշտում, որի զովությունը բոլորին տրամադրում էր հանգստանալու ո՛չ թե դոն Կիխոտի պես կախարդված մարդկանց, այլ նրա զինակրի պես խելահաս ու խոհեմներին, որը քահանայից խնդրեց թույլ տալ իր տիրոջը մի քիչ դուրս գալ վանդակից՝ ավելացնելով, որ եթե նա մերժելու լինի, վանդակը կարող է այնքան մաքուր չմնալ, որքան պահանջում է դոն Կիխոտի պես ասպետի արժանապատվությունը։ Քահանան իսկույն հասկացավ, թե ինչ է ուզում Սանչոն ասած լինել և պատասխանեց, որ սիրով կհամաձայներ, սակայն երկյուղ է կրում, որ դոն Կիխոտը, իրեն ազատ տեսնելով, դարձյալ իրենը կանի և կփախչի այնպես, որ այլևս հնար չի լինի նրան գտնել։
― Ես երաշխավորում եմ, որ չի փախչի, ― ասաց Սանչոն։
― Ես էլ, ― հարեց եկեղեցականը, ― մանավանդ եթե նա խոսք տա, որպես ասպետ, որ առանց մեր թույլտվության մեզնից չի հեռանա։
― Խոսք եմ տալիս, ― պատասխանեց դոն Կիխոտը, որ լսել էր այս խոսակցությունը, ― առավել ևս սիրով, որ կախարդվածները ազատ չեն իրենց ուզածն անելու, որովհետև կախարդը կարող է նրանց երեք դար միևնույն տեղում կանգնած պահել, իսկ եթե նրանք փախչելու փորձ անելու լինեն, նա կարող է նրանց ետ բերել թռչել տալով։ Ուստի դուք կարող եք ինձ հանգիստ կերպով բաց թողնել, և բոլորիդ շահն էլ է այդ պահանջում, իսկ բաց թողնելու չլինեք՝ ձեր հոտառությունը վիրավորված կլինի, եթե հեռու չքաշվեք։
Եկեղեցականը բռնեց դոն Կիխոտի ձեռքը, թեև նրա ձեռները կապկպված էին և ազնիվ խոսքի վրա նրան բաց թողեց վանդակից։ Արգելանոցից դուրս գալը անսահման ու արտասովոր ուրախություն պատճառեց դոն Կիխոտին, որ նախ և առաջ մի լավ ձգվեց ողջ մարմնով, ապա գնաց Ռոսինանտի մոտ և, ձեռքը խփելով նրա կողերին, ասաց․
― Այնուհանդերձ հույս ունեմ, որ Աստված ու նրա օրհնյալ մայրը շուտով կկատարեն մեր փափագը, ո՜հ ծաղիկ ու հայելի բոլոր ձիերի, դու՝ տերդ մեջքիդ, ե՛ս՝ քեզ վրա, կենսագործելիս այն կոչումը, որի համար Աստված ինձ աշխարհ է հանել։
Այս ասելուց հետո Դոն Կիխոտը Սանչոյի հետ մեկուսի տեղ քաշվեց և վերադարձավ թեթևացած, հաստատ մտադրությամբ՝ իրագործելու իր զինակրի մտահղացումը։
Նայում էր նրան եկեղեցականը և զարմանում նրա սաստիկ խելագարության տարօրինակությունից, որովհետև երբ նրան հարց էին տալիս, նա պատասխանում էր միանգամայն խելացի կերպով, սակայն, ինչպես այլ անգամ ասացինք, կորցնում էր հավասարակշռությունը, երբ որ խոսքը ասպետականությունից էր բացվում։ Եվ ահա, երբ որ բոլորը, նստած կանաչ խոտի վրա, սպասում էին ուտեստի գալստյան, եկեղեցականը ցավակցությունից դրդված ասաց նրան․
― Հնարավո՞ր է, արդյոք, սինյոր հիդալգո, դատարկ և անճաշակ վեպերի ընթերցումից այնպես ներգործվել, որ մարդ խելքը կորցնի և կարծի, թե իրոք, կախարդված է, հավատ ընծայի հազար ու մի այլ անհեթեթ բաների, որ նույնքան հեռու են ճշմարտությունից, որքան սուտը։ Կարո՞ղ է արդյոք մարդկային միտքը հավատալ անհամար Ամադիսների գոյությանը և հռչակավոր ասպետների այդ բազմությանը, Տրապիզոնի այնքան թագավորների, այնքան Ֆելիսմարտե դե Հիրկանացիների, այնքան նժույգների, թափառական կույսերի, օձերի, հրեշների, հսկաների, այնքան անլուր արկածների, կախարդության այնքան տեսակների, մարտերի, կատաղի կռիվների, այնքան տարօրինակ զգեստների, սիրահարված իշխանուհիների, կոմս դառած այնքան զինակիրների, ծիծաղաշարժ թզուկների, սիրային նամակների և քնքշությունների, խիզախ կանանց, մի խոսքով՝ ամբողջ այդ ցնդաբանության, որ պարունակում են ասպետական գրքերը։ Գալով ինձ՝ խոստովանում եմ, երբ որ կարդում եմ այդ գրքերը առանց մտածելու, թե հերյուրանք է, ես որոշ հաճույք եմ զգում։ Սակայն հենց որ խորհում եմ, որ դա սուտի կույտ է, ես այդ գրքերից լավագույնը պատովն եմ տալիս, իսկ եթե մոտս կրակ լիներ, կրակը կգցեի, որովհետև այն կարծիքին եմ, թե նրանք արժանի են այդ պատժին, որովհետև սուտ են, խաբեական և հակառակ մարդկային բնության, որովհետև նոր աղանդ և կյանքի նոր եղանակ են հնարում, գայթակղում են տգետ ամբոխին, որ նրանց մեջ պարփակված բոլոր անմտությունները ճիշտ և ճշմարիտ է համարում։ Այդ գրողների աներեսությունն այն աստիճանի է հասնում, որ նրանք հանդգնում են ամենախելահաս և ազնիվ հիդալգոների միտքը խռովել, ինչպես վկայում է ձերդ ողորմածության օրինակը, ― չէ՞ որ նրանք են հասցրել ձեզ այն ծայրահեղության, որ հարկ է եղել ձեզ փակել վանդակի մեջ և տանել եզներով, ինչպես գյուղից գյուղ են տանում և փողով ցույց տալիս առյուծ կամ վագր։ Ա՜խ, սինյոր դոն Կիխոտ, խղճացեք ինքներդ ձեզ, խելքի եկեք և բարին գործադրեք այն բանականությանը, որով երկինքն առատորեն օժտել է ձեզ։ Ձեր ոգու փայլուն տաղանդը գործադրեք այն ընթերցանության համար, որ ձեր հոգին էլ փրկեք, պատիվն էլ ավելացնեք։ Եվ, եթե, այնուամենայնիվ, ձեր բնական հակումը մղի ձեզ դեպի սխրագործությունների և ասպետական գործերի ընթերցանություն, կարդացեք սուրբ գրքից Դատավորքը։ Այնտեղ դուք կգտնեք իսկական մեծ անցքեր ու գործեր, նույնքան ճշմարիտ, որքան և արի։ Լուգիտանիայում՝[208] եղել է Վիրիատոն, Հռովմում՝ Կեսարը, Կարթագենում՝ Հաննիբալը, Հունաստանում՝ Ալեքսանդրը, Կաստիլիայում՝ կոմս Ֆերնան Գոնսալեսը, Վալենսիայում՝ Սիդը, Անդալուզիայում՝ Գոնսալո Ֆերնանդեսը, Էստրեմադուրայում՝ Դիեգո Գարսիա դե Պադերեսը, Խերեսում՝ Գարսի Պերես դե Վարդասը, Տոլեդոյում՝ Գարսիլասոն, Սևիլյայում՝ դոն Մանուել դե Լեոնը, որոնց արի գործերի ընթերցումը կարող է գրավել, ուսուցանել, հիացնել ու զարմացնել ամենաբարձր կրթության տեր ընթերցողներին։ Ահա թե ինչ ընթերցանում է վայել ձերդ ողորմածության սուր մտքին, սինյոր դոն Կիխոտ, որ ձեզ դարձնի պատմագետ, ստիպի սիրել առաքինությունը, շատ լավ բաներ սովորեցնի։ Այդ ընթերցումը կուղղի ձեր բարքերը, թույլ կտա, որ դուք լինեք արի՝ առանց հանդգնության և վճռական՝ փոքրոգության, և այդ ամենը ի փառս Աստծո, հոգուտ ձեզ, իսկ Լամանչին, որտեղից, ինչպես ես լսել եմ, սերում եք դուք, ― զարդ։
Դոն Կիխոտը լսում էր ուշի֊ուշով եկեղեցականի դատողությունները, և երբ որ տեսավ, որ նա ավարտեց, պահ մի նայեց նրան լռելյայն, ապա թե պատասխանեց․
― Ինձ թվում է, սինյոր հիդալգո, թե ձերդ ողորմածության խոսքերի միտքն այն էր, որ ինձ համոզեն, թե թափառական ասպետներ երբեք գոյություն չեն ունեցել։ Թե բոլոր ասպետական գրքերը սուտ են, խաբեություն, վտանգավոր, անօգուտ՝ պետության համար։ Թե ես վատ եմ արել, որ կադացել եմ դրանք, ավելի վատ, որ հավատացել եմ դրանց և առավել ևս վատ, որ ընդօրինակել եմ, քանի որ նվիրվել եմ թափառական ասպետների դժվարին կոչմանը, որ այդ գրքերն ուսուցանում են։ Վերջապես, դուք ժխտում եք Ամադիս Գաղղիացու և Ամադիս Հունաստանցու գոյությունը և բոլոր այլ ասպետներինը, որոնց սխրագործություններով լի են այդ գրքերը։
― Ձերդ ողորմածությունը միանգամայն ճիշտ է վերարտադրում իմ միտքը, ― հաստատեց եկեղեցականը։
― Ձերդ ողորմածությունը դրան ավելացրեց, որ այդ գրքերը ինձ մեծ վնաս են տվել, անգամ խելքից հանել և այս վանդակին հասցրել։ Որ ես ավելի լավ արած կլինեի, եթե ուղղվեի և փոխեի ընթերցանությանս նյութը և ասպետական վեպերի փոխարեն կարդայի ավելի ճշմարտապատում գրքեր, որ միաժամանակ և՛ հաճելի են, և՛ ուսանելի։
― Հենց այդպես, ― ասաց եկեղեցանակնը։
― Որ այդպես է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― անխելքն ու կախարդվածը ձերդ ողորմածությունն է, որ հանդգնեց պարսավել այն, ինչ որ արար աշխարհս ընդունում ու ճանաչում է ճշմարիտ։ Ձերդ ողորմածության պես ժխտողը արժանի է նույն պատժին, որին ձերդ ողորմածությունն իր ասելով կկամենար ենթարկել գրքերը, որոնց ընթերցումը իր ճաշակովը չէ։ Դուք կամենում եք ինձ հավատացնել, որ աշխարիս երեսին ո՛չ Ամադիս է եղել, ո՛չ էլ ուրիշ ասպետներ՝ արկածախնդիրներ, որոցով լեփ֊լեցուն են պատմությունները։ Դա նույնն է, եթե կամենայիք համոզել, թե արևը չի լուսավորում, թե սառույցը սառը չէ և որ երկիրը հաստատ չէ։ Ո՞վ կարող է աշխարհիս երեսին համոզել մեզ, թե թագաժառանգուհի Ֆլորիպեսի և Գյուի Բարզոնացու պատմությունը եղելություն չէ կամ թե մեծն Կառլոսի օրոք տեղի ունեցած Ֆիերաբրասի սխրագործությունը Մանտիբլի կամուրջի վրա սուտ է։ Դրանք նույնքան ճիշտ են, որքան այն, որ հիմա ցերեկ է։ Եվ եթե դրանք սուտ բաներ են, կնշանակի՝ ո՛չ Հեկտոր է եղել, ո՛չ Աքիլլես, ո՛չ Տրովադայի պատերազմը, ոչ Ֆրանսիայի տասներկու պերերը, ո՛չ Անգլիայի Արթուր թագավորը, որ հիմա ագռավ է կերպանարափոխված, մինչդեռ մինչև օրս իր թագավորության մեջ նրան սպասում են։ Ասել է թե՝ Գուարինի Մեսկինոյի պատմությունն էլ, սուրբ Գրաալի որոնումներն էլ սուտ բաներ են։ Որ դոն Տրիստանի և Իզոլդա թագուհու սերը հնարած բան է, ինչպես և Ջինևրայի և Լանսելոտինը, մինչդեռ դեռ կան մարդիկ, որոնք գրեթե հիշում են, ասես թե իրենց աչքով տեսած լինեին օրիորդ Կինտանյոնային, որ մեծն Բրիտանիո լավագույն մատռվակուհին է եղել։ Այդ այդպես է, և ես ինքս հիշում եմ, որ գլխին երկար ապարոշ կրող որևէ օրիորդի հանդիպելուց տատս՝ հորս մայրը, ասում էր․ «Ապա տես թոռնիկս, կարծես թե օրիորդ Կիտանյոնան լինի»։ Հետևաբար, տատս կա՛մ նրան ճանաչելիս է եղել, կա՛մ, առնվազն, տեսած նրա պատկերը։ Ով կարող է հերքել Պիերրեսի և չքնաղ Մագելոնայի պատմության ստուգությունը, երբ որ տակավին այսօր արքունի զինանոցում պահպանվում է ձողը, որով արի Պիերրեսը կառավարում էր փայտե ձին, որ նրան սլացնում էր օդով։ Այդ ձողը սայլի լծափայտից մի քիչ մեծ է։ Հենց նրա կողքին Բարիեկայի թամքն է դրած, իսկ Ռոնսևալում Ռոլանդի փողը կա՝ առաստաղի գերանի չափ մեծ։ Այստեղից բխում է, որ տասներկու պերերն էլ են գոյություն ունեցել, Պիերրեսն էլ, Սիդն էլ, մնացյալ նման թափառական ասպետներն էլ, որոնք հայտնի են մարդկանց նրանով, որ արկածների ետևից են ընկել։ Իսկ եթե ո՛չ, ապա ասացեք, որ ճիշտ չէ, թե Խուան դե Մերլո Լուզիտանացի արի ասպետ է եղել, որ նա Բուրգունդիա է գնացել և Ռաս քաղաքում կռվել է Էնրիկե Ռեմեստանի հետ, որ այդ եկուսին էլ նա չի հաղթել և փառք ու պատիվ ձեռք բերել։ Իսկ Բուրգոնյայի արկածները երկու արի իսպանացիների՝ Պեդրո Բարրայի և Գուտիերրե Կիխադայի (որի տոհմից, տղամարդկանց ուղիղ գծով, սերում եմ ես) ― նույնպե՞ս հերյուրանք են։ Մի՞թե նրանք չհաղթեցին կոմս դե Սեն Պոլոյի երկու որդիներին։ Դե, ժխտեցեք նաև այն,[209] որ Ֆերնանդո դե Գևարան, արկածախնդրության նպատակով գնաց Գերմանիա և այնտեղ մարտնչեց մեսեր Խորգեի՝ ավստրիական հերցոգի ասպետի հետ։ Դուք կասեք, թե դրանք բոլորը հնարած բաներ են՝ Սուերո դե Կինյոնեսի զինախաղն էլ, դե Պասոյի նկարագրածը, մոսեն Լուիս դե Ֆալսեսի արշավանքն էլ կաստիլցի ասպետ դոն Գոնսալո դե Գուսմանի վրա և ընդհանրապես այլ բազմաթիվ գործերը, որ կատարել են բազմաթիվ քրիստոնյա ասպետները մեր և օտար թագավորություններում, որոնք այնքան ճշմարտապատում են և ստույգ, որ մեկ էլ կասեմ՝ նրանց ժխտողը զուրկ է բանականությունից և առողջ դատողությունից։
Եկեղեցականը մնացել էր զարմացած՝ լսելով, թե ինչպես դոն Կիխոտը խառնում է իրար ճշմարիտն ու սուտը և տեսնելով, թե որքան տեղյակ է նա այն ամենին, ինչ որ կապ ունի և վերաբերում է իրեն սիրելի թափառական ասպետությանը և պատասխանեց այսպես․
― Ես չեմ կարող ժխտել, սինյոր դոն Կիխոտ, որ ձեր բերած օրինակներից մի քանիսը ստույգ են, մանավանդ իսպանացի թափառական ասպետների վերաբերմամբ ձեր ասածները։ Նմանապես ես պատրաստ եմ համաձայնել ձեզ, որ Ֆրանսիայի տասներկու պերերը գոյություն են ունեցել։ Սակայն ես չեմ կարող հավատալ, որ նրանք արած լինեն այն ամենը, ինչ որ արքեպիսկոպոս Տուրպինը վերագրում է նրանց։ Իրականում նրանք ասպետներ են եղել, որոնց ֆրանսիական թագավորներն ընտրել և կոչել են պերեր, որովհետև նրանք ծագումով արիությամբ ու քաջությամբ հավասար են եղել[210] կամ առնվազն պետք է լինեին։ Դա այժմյան Սանտյագոյի կամ Կալատրավայի ուխտի պես մի բան էր, որտեղ պահանջվում է, որ նրանց պատկանող բոլոր ասպետները ազնիվ ծագում ունենան, արի և քաջ լինեն։ Եվ ինչպես հիմա մենք ասում ենք՝ Սան Խուանի միաբանության ասպետ կամ Ալկա՛նտարայի ուխտի ասպետ, այնպես էլ այն ժամանակ էին ասում տասներկու պերերի ուխտի ասպետ, նկատի չառնելով, որ այդ ռազմական ուխտի մեջ ընդգրկված բոլոր տասներկուսն էլ հավասար են իրար։ Իհարկե, Սիդի գոյությունը ոչ մի կասկած չի հարուցանում, ոչ էլ Բերնարդել Կապրիոյինը։ Բայց թե նրանք արած լինեն բոլոր այն սխրագործությունները, որոնց մասին մեզ պատմում են, դա շատ և շատ կասկածելի է։ Գալով կոմս Պիերրեսի ձողին, որը, ըստ ձեր ողորմածության խոսքերի, պահվում է թագավորական զինանոցում, Բարիեկայի թամքի կողքին, ապա, խոստովանում եմ, մեղքը իմս է՝ ես կամ տգետ եմ, կամ կույր, միայն թե թամքը նկատել եմ, իսկ ձողը աչքս չի ընկել, թեև, ձերդ ողորմածության ասելով, փոքր չափի չէ։
― Այնտեղ է, ո՛չ մի կասկած, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Կավելացնեմ, որ, ըստ լուրերի, կաշվե պատյանի մեջ է դրված, որ չժանգոտի։
― Հնարավոր է, ― պատասխանեց եկեղեցականը, ― սակայն երդվում եմ իմ հոգևոր կոչումով, չեմ հիշում, որ տեսած լինեմ։ Սակայն ենթադրենք, թե այնտեղ է․ այդ չի նշանակի, որ դրանից ես հարկադրված եմ հավատ ընծայելու բոլոր այդ Ամադիսների և այլ անհամար ասպետների պատմություններին, որոնց մասին մեզ պատմում են, ոչ էլ դուք, ձերդ ողորմածություն, որպես հարգելի, ողջամիտ և այնքան բարձր հատկություններով օժտված մի մարդ, չպետք է ճշմարտության տեղ դնեք բոլոր այդ ցնդաբանությունները, որոնցով լի են ասպետական այդ անմիտ վեպերը։
Գլուխ L
Սրամիտ վեճի մասին, որ ունեցան դոն Կիխոտն ու եկեղեցականը, և ուրիշ անցքերի մասին
― Շա՜տ բարի, ― վերսկսեց դոն Կիխոտը, ― գրքերը, որ թագավորների թույլտվությամբ են տպագրված և հավանությամբ այն մարդկանց, որոնց քննության ենթակա են, գրքեր, որ հավասարապես լավ ընդունելություն են գտնում մեծ ու փոքրերի կողմից, հարուստ ու աղքատների, ռամիկների և ազնվականների, կրթվածների և տգետների, վերջապես բոլոր մարդկանց կողմից, ինչ դասի ու կարողության տեր էլ լինեն, բոլորն էլ սո՞ւտ են, անգամ եթե նրանց մեջ ճշմարտության երևույթը՝ մատնանշված են՝ հայրը, մայրը, ազգականները, ծննդավայրը, և հերոսի տարիքը, օր֊օրի ետևից, կետ առ կետ, պատմված են որևէ մեկ կամ մի քանի հերոսների սխրագործությունները և նկարագրված տեղերը, որտեղ այս ամենը տեղի է ունեցել։ Լռեցեք, ձերդ ողորմածություն, սրբապղծությամբ մի՛ զբաղվեք և հավատ ընծայեք իմ խորհուրդին, որին պիտի հետևի յուրաքանչյուր խելացի մարդ, վերստին կարդացեք այդ գրքերը և դուք կտեսնեք, թե նրանք ձեզ ի՜նչ հաճույք կպատճառեն։ Խոստովանեցեք, կա՞ աշխարհիս երեսին ավելի մեծ հաճույք, քան երբ, այսպես ասած, ձեր աչքի առջև բացվում է եռման ու բլթբթլացող կուպրի մի մեծ լիճ, որի մեջ լողում ու վխտում են անհամար օձեր, իժեր, մողեսները և բազում այլ մոլեգին ու սոսկալի սողուններ, և նրա մեջտեղից հանկարծ աղիողորմ ձայն է հնչում․ «Ով էլ լինես դու, ով ասպետ, որ նայում ես այս ահարկու լճին, ― եթե կամենաս վայելել նրա սև ջրերի մեջ թաքնված գանձերը, դրսևորիր քո հզոր սրտի արիությունը և թռի՛ր սև ու հրավառ հեղուկի մեջտեղը, և դու կարժանանաս տեսնելու հուր֊հրաշքները, որ պարփակված են յոթ հավերժահարսի յոթ դղյակներում, որ այս լճի տակին են»։ Ասպետը լսեց թե չէ այս ահասաստ խոսքերը, այլևս ոչ մի բան չի խորհում։ Նա չի մտածում, թե ի՞նչ վտանգի է ենթարկվում, առանց իր ծանր զրահը հանելու համար ժամակորույս լինելու, ապավինելով Աստծուն և իր տիկնոջը, նա նետվում է եռման լճի մեջտեղը։ Նա չգիտե և չի հասկանում, թե որտեղ է և տեսնում է շուրջը ծաղկափթիթ դաշտ, որին չի կարող համեմատվել Ելիսիոնը։ Եվ թվում է նրան, թե երկինքն այստեղ ավելի թափանցիկ է, արևն ավելի պայծառ, և նրա աչքի առջև փռվում է խաղաղ մի պուրակ։ Ծառերի տերևներն այնպես են փայլում, որ նրանց կանաչն ակնապարար է, իսկ անթիվ երփներանգ, հյուսված ճղների վրա ոստոստող թռչնիկների քաղցր դայլայլիկն ու անլուր գեղգեղանքը՝ լսողության ուրախություն։ Նա գտնում է մի վտակ, որի պաղպաջուն կոհակները, որպես հեղուկացած բյուրեղ, հոսում են մանր ավազի և ճերմակ քարերի վրայով։ Քարն ու ավազը, ասես բարակ մաղած ոսկի և հստակ ադամանդներ լինեն։ Նա տեսնում է արհեստական մի շատրվան՝ կերտված գույնզգույն հասպիսից ու հղկած մարմարից։ Տեսնում մի ուրիշը, գյուղական ոճով՝ մանր խեցիներից և ոստրեների ճերմակ ու դեղին տնակներից շարված։ Միջամեջ, անկարգ, փայլուն բյուրեղի կտորներն են դրված և կեղծ զմրուխտներ, և թվում է, որ այս բազմապիսի կերտվածքով արվեստը, ընդօրինակելով բնությունը, հաղթում է նրան։ Սակայն, ահա, հանկարծակի նրա առջև բացվում է ամրացրած մի դղյակ կամ շքեղ պալատ։ Պատերը հաստ ոսկուց են, տանիքները՝ ալմաստից, դարպասը՝ հակինթից։ Եվ այնքան ճարտար է կառուցված, որ արվեստն ավելի թանկարժեք է, քան ալմաստը, յաղութն ու մարգարիտը, որոնցից նա կերտված է։ Այս ամենը տեսնելուց հետո էլ ի՞նչ կամենաս տեսնել, բայց եթե ոչ դղյակից դուրս եկող աղջիկների երկար շարան՝ այնքան նրբագեղ ու շքեղ զուգված, որ եթե ես հիմա նրանց նկարագրելու լինեի, ինչպես անում են վեպերում, խոսքս երբեք չէի ավարտի։ Եվ ահա այդ աղջիկների տիրուհին բռնում է եռման ջրի մեջ խիզախ թռած ասպետի ձեռքից, անխոս տանում է նրան փարթամ դղյակը կամ պալատը և, հրամայելով, որ նա շորերը հանի և մնա մորեմերկ, լվանում է նրան գաղջ ջրով, անուշահոտ յուղերով օծում, նրբագույն հյուսվածքից անուշաբույր շապիկ հագցնում։ Իսկ այդ միջոցին մոտենում է մի ուրիշ աղջիկ, գցում է նրա ուսերին մի վերնարկ, որ ամենաքիչը ամբողջ մի քաղաք արժե, գուցե և ավելի։ Վերջապես նրան տանում են մի այլ դահլիճ, որտեղ զարմանալի ճոխ սեղան է գցած։ Նրա ձեռքերին ամբրայի և անուշահոտ ծաղիկների բույր ունեցող ջուր են ածում։ Նրան նստեցնում են փղոսկրյա գահի վրա, նրան սպասարկում են բոլոր աղջիկները՝ պահպանելով զարմանալի լռություն։ Նրա համար այնպիսի բազմազան կերակուրներ են բերում և այնքան համով պատրաստած, որ նա չգիտե, թե ձեռքը որին մեկնի։ Նրա ուտելու միջոցին երկնային երաժշտությունն է հիացնում նրա զգացմունքը։ Նա չի իմանում, թե որտեղ են երգում ու նվագում։ Ճաշն ավարտված է, սեղանը հավաքած, ասպետը հանգստանում է՝ ընկողմանած բազկաթոռի վրա և, թերևս, մաքրում է, ըստ սովորականին, ատամները, և ահա հանկարծ դռնից դահլիճ է մտնում մի այլ աղջիկ, մնացածներից ավելի գեղեցիկ, նստում է նրա կողքին և սկսում պատմել, թե ինչ դղյակ է սա, ինչու է ինքը կախարդված մնացել նրա մեջ և շատ ուրիշ բաներ, այնպես որ ասպետը մնում է զարմացած, իսկ այդ պատմության ընթերցողը՝ հիացած։ Ես չեմ կամենում խոսքս երկարացնել, որովհետև ասածներիցս արդեն դժվար չէ հետևցնել, որ թափառական ասպետների մասին գրած վեպերից յուրաքանչյուրը և յուրաքանչյուր կտոր նրանցից պետք է զարմացնի և հիացնի յուրաքանչյուր ընթերցողի։ Այսպիսով, հավատացեք ինձ, ձերդ ողորմածություն, և, ինչպես ես արդեն ասացի, վերստին կարդացեք այդ գրքերը՝ եթե դուք մելամաղձոտ լինեք՝ կցրվեք, եթե վատ տրամադրության մեջ՝ կանցնի։ Գալով ինձ՝ կարող եմ ասել, որ այն օրից, ինչ թափառական ասպետ դառա, ես արի եմ, քաղաքավարի, առատաձեռն, կիրթ, վեհանձն, սիրալիր, խիզախ, տոկուն։ Ես կարող եմ կրել և՛ արհավիրք, և՛ գերություն, և՛ կախարդանք։ Եվ թեպետ ինձ վերջերս վանդակի մեջ են գցել, իբրև խելագարի, այնուհանդերձ, ես հույս ունեմ, որ իմ հզոր բազկի օգնությամբ ամենակարճ ժամանակի ընթացքում, եթե միայն երկինքը բարեհաճ լինի և բախտը նպաստավորի, ես որևէ երկրի թագավոր կդառնամ և այն ժամանակ կկարողանամ ցույց տալ, թե կրծքումս որքա՜ն կարեկցություն ու առատաձեռնություն է թաքնված, որովհետև, հավատացեք իմ պատվին, սինյոր, մարդը, անգամ եթե նա այդ հատկության տեր լինի գերագույն աստիճանի, իսկ կարեկցությունը, որ բարի ցանկությունից դենը չի անցնում, մեռած է, ինչպես մեռած է հավատը առանց գործի։ Ահա թե ինչու ես կկամենայի, որ բախտը շուտով կայսր դառնալու հնարավորություն առաքեր ինձ։ Ես ցույց կտայի, թե ի՜նչ սրտի տեր եմ ես և բարեգործություն կանեի իմ բարեկամներին, մանավանդ այս խեղճին՝ իմ զինակիր Սանչո Պանսային, որին ես համարում եմ աշխարհիս լավագույն մարդը։ Ես վաղուց արդեն խոստացել եմ կոմսություն շնորհել նրան և ես շատ ուզում եմ այդ արած լինել, թեև երկյուղ եմ կրում, որ նա չկարողանա կառավարել։
Այս վերջին խոսքերը լսեց Սանչոն և ասաց իր տիրոջը․
― Աշխատեցեք, ձերդ ողորմածություն սինյոր դոն Կիխոտ, նվիրել ինձ կոմսությունը, որ դուք քանիցս ինձ խոստացել եք և որ ես այնքան անհամբեր սպասում եմ, իսկ ես խոսք եմ տալիս ձեզ, որ կառավարելու ճարը կգտնեմ, իսկ եթե չգտա, լսած կամ, որ աշխարհիս երեսին կան այնպիսի մարդիկ, որ ավատատերեից վարձակալությամբ վերցնում են նրանց կալվածները և դրա համար տարեկան որոշ գումար վճարում, վարձակալները կառավարում են, իսկ ավատատերերը՝ նստում ձեռները ծալած, ծախսում եկամուտն ու աշխարհիս երեսին ոչ մի բանի համար չեն հոգում։ Ես էլ այդպես կանեմ առանց բազար անելու ես գործերից կազատվեմ, վայելելով եկամուտը, որպես դուքս։ Թո՛ղ ուրիշներն ինչ ուզում են անեն։
― Քո ասածը, Սանչո եղբայր, ― ասաց եկեղեցականը, ― ճիշտ է միայն եկամուտի նկատմամբ, սակայն չէ՞ որ յուրաքանչյուր ավատատեր իր կալվածներում ինքն է պարտավոր դատավարություն անելու և այստեղ ահա պետք է հմտության և խոհեմության տեր լինել, իսկ գլխավորը՝ ձգտել արդարամիտ լինելու։ Եթե սկզբից ևեթ այդ ձգտումը չեղավ, ապա մեջտեղն ու վախճանն էլ ծուռումուռ դուրս կգա, որովհետև Աստված օգնում է պարզամիտների բարի ցանկություններին ի պատասխան իմաստունների չար իղձերը։
― Այդ փիլիսոփայությունից ես գլուխ չեմ հանում, ― պատասխանեց Սանչոն։ ― Գիտեմ միայն, որ կոմսությունը թե ձեռքս ընկնի՝ կառավարել ես կկարողանամ։ Ես նույնքան հոգի ունեմ, որքան ուրիշը և մարմին՝ ուրիշներից էլ ավելի, այնպես որ ես իմ տիրությունը թագավորներից վատ չեմ կառավարի։ Կառավարելուց էլ՝ կանեմ ինչ որ քեֆս տա։ Քեֆիս տվածն անելով ՝ քեֆ կանեմ։ Քեֆ անելով՝ ամեն բանից գոհ կլինեմ։ Իսկ որ պակաս տեղ չունենամ ― ուրեմն պրծավ֊գնաց։ Թող շուտով տերությունը գա և Աստուծով ցտեսություն, ինչպես ասել է մի կույր մյուսին։
― Այդ քո փիլիսոփայությունն էլ վատ չէ, Սանչո, բայց և այնպես կոմսության մասին դեռ շատ բան կարելի է ասել։
Դոն Կիխոտը առարկեց եկեղեցականին․
― Չգիտեմ, թե էլ ինչ կարելի է ասել այդ առիթով։ Ես առաջնորդվում եմ մեծն Ամադիս Գաղղիացու օրինակով, որն իր զինակրին կարգեց Ֆիրմե կղզու կոմս։ Այդպես էլ ես, առանց խղճի խայթի կարող եմ Սանչո Պանսային կոմս դարձնել, չէ՞ որ նա լավագույն զինակիրն է, որ երբևիցե ունեցել են թափառական ասպետները։
Եկեղեցականը մնացել էր զարմացած, թե ինչ բանական անհեթեթություններ է ասում դոն Կիխոտը, թե ինչպե՜ս ճարտար վերարտադրեց նա լճի ասպետի արկածը, թե ի՜նչ խոր տպավորություն պիտի արած լիներ նրա վրա կարդացած գրքերի մտացածին ստությունները և վերջապես պակաս չէր զարմացել նա Սանչոյի դյուրահավատությունից՝ այնքան սաստի՛կ էր նա փափագում կոմսության հասնել, որ իր բարեկամը խոստացել էր նրան։
Այդ միջոցին վերադարձան եկեղեցականի ծառաները, որ գնացել էին պանդոկ պաշար բերող ջորու ետևից, խալիչա փռեցին կանաչ խոտի վրա, ծառերի ստվերի տակ և ողջ հասարակությունը հացի նստեց այս վայրում, որպեսզի, ինչպես արդեն ասացի, սայլապանը չփախցնի եզներն արածեցնելու հարմար առիթը։ Հաց ուտելու միջոցին հանկարծ նրանք լսեցին սաստիկ աղմուկ և զանգակի ձայն, որ գալիս էր մոտակա մացառների և խիտ թփերի ետևից, և նույն վայրկյանին թավուտից դուրս թռավ սիրուն մի այծիկ, վրան սև, ճերմակ ու շեկ բծեր։ Նրա ետևից եկավ մի այծարած, որ ձայն տալով ու ըստ իր սովորության խոսելով աշխատում էր նրան կանգնեցնել և վերադարձնել հոտը։ Խուսափուկ այծը երկչոտ ու վեհերոտ վազեց մարդկանց վրա, ասես օգնություն հայցելով և նրանց առջև կանգ առավ։ Այծարածը վրա հասավ, բռնեց նրա եղջույրներից և, ասես թե նա ունակ լիներ խոսակցելու և ըմբռնելու, ասաց նրան․
― Ա՜խ, վայրի, վայրի, Բծավոր, Բծավոր, ինչո՞ւ ես այս վերջին օրերս չարաճճիացել։ Ինչ գայլեր են քեզ վախեցրել, աղջիկս։ Չե՞ս ասի ինձ, թե ինչ է եղել, սիրունիկս։ Էլ ի՞նչ կարող է լինել՝ էգ ես և չես կարող հանգիստ մնալ։ Անիծվի քո խասիաթը և բոլոր նրանցը, որոնց դու ընդօրինակում ես։ Դարձիր, վերադարձիր, բարեկամուհիս։ Գոհ էլ չլինես, առնվազն ապահով ես փարախում և քո ընկերակիցների հետ։ Եթե դու, որ պետք է հսկես նրանց և առաջնորդես, այսպես, առանց առաջնորդ ու ճամփա ման գալու լինես, ի՞նչ պիտի ապա անեն նրանք։
Բոլոր ունկնդիրները զվարճացան այծարածի խոսքերից և առավելապես եկեղեցականը, որ ասաց․
― Ձեր արևը, եղբայր, հանգստացեք մի քիչ և մի՛ք շտապի այդքան արագ այդ այծին վերադարձնել հոտը։ Չէ՞ որ դուք ասացիք, թե նա էգ է, ուրեմն հետևելու է իր բնական բնազդին, ինչքան էլ դուք խանգարելու լինեք։ Մի կտոր բան վերցրեք, խմեցեք մի գավաթ, ձեր զայրույթը կմեղմանա, այդ միջոցին այծն էլ կհանգստանա։
Այդ ասելն ու դանակի ծայրով նրան նապաստակի ողնաշարի մի պաղ կտոր տալը մեկ եղավ։ Այծարածը վերցրեց և շնորհակալություն հայտնեց, ապա խմեց, հանգստացավ և վերջապես ասաց․
― Ես չէի կամենա, որ ձերդ ողորմածությունները, լսելով այս խոսակցությունն այս այծի հետ, ինձ հիմարի տեղ դնեք, որովհետև ասածս խոսքերի մեջ, ճշմարտապես, գաղտնի իմաստ կա։ Ես թեպետ ռամիկ եմ, բայց ոչ այնքան, որ չհասկանամ, թե ինչպես պետք է վարվել մարդկանց, ինչպես՝ անասունների հետ։
― Շատ լավ հավատում եմ, ― պատասխանեց քահանան, որովհետև փորձով գիտեմ, որ լեռները գիտուններ են սնում, իսկ հովիվների վրանները փիլիսոփաներ պարփակում։
― Առնվազն, սինյոր, ― պատասխանեց այծարածը, ― նրանց մեջ փորձառու մարդիկ են ապաստանում։ Որպեսզի դուք հավատ ընծայեք և ձեռքով շոշափած լինեիք այդ ճշմարտությունը, ես կխնդրեի ձեզնից, սինյորներ, շնորհել ինձ մի կարճ միջոց ուշադրություն, եթե երկյուղ չկրեի ձանձրացնել ձեզ և անկոչ մեջ ընկնել։ Ես ձեզ կպատմեի մի ճշմարտապատում պատմություն, որ կհաստատեր իմ ասածը և այն, ինչ որ ասաց այս սինյորը (նա ցույց տվեց քահանային)։
Դրան պատասխանեց դոն Կիխոտը․
― Ըստ երևույթին այդ պատմությունը պետք է ասպետական արկածի հեռավոր նմանություն ունենա, ես մեծ հաճույքով կլսեմ, եղբայր, և նույնը կանեն բոլոր այն սինյորները, որովհետև նրանք շատ խելացի են և սիրահար հետաքրքրական նորությունների, որ զարմացնում, զվարճացնում ու զվարթացնում են հոգին։ Անտարակույս, ձեր պատմությունն էլ այդպիսին է լինելու։ Դե, սկսեցեք, բարեկամս, մենք բոլորս լսում ենք ձեզ։
― Բացի ինձնից, ― մեջ ընկավ Սանչոն։ Ես կերթամ վտակի մոտ, հետս կտանեմ այս կարկանդակը և կուտեմ, որ երեք օր կուշտ լինեմ, որովհետև իմ տեր դոն Կիխոտը քանիցս ասել է ինձ, թե թափառական ասպետի զինակիրը առիթը եղած միջոցին պետք է ուտի, ինչքան փորը տեղավորի, որովհետև հաճախ պատահում է մտնել այնքան թավ ու դժվար անցանելի անտառ, որ վեց օրվա ընթացքում ելք չի գտնում, այնպես որ, եթե նա կուշտ չէ կամ պայուսակը լիքը չէ պաշարով, ապա կարող է ընդմիշտ մնալ այնտեղ, ինչպես շատ անգամ պատահել է, մումիա դառած։
― Ճիշտ ես ասում, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Գնա, ուր որ կամենաս և կեր, որքան կարողանաս։ Ես արդեն կշտացել եմ և հոգուս է սնունդ հարկավոր, որ և կընդունեմ ունկնդրելով այս բարի մարդու պատմությունը։
― Մենք բոլորս էլ նույնը կանենք, ― ասաց եկեղեցականը և խնդրեց այծարածից, որ շուտ սկսի խոստացածը։
Այծարածը ձեռքը խփեց այծի մեջքին, որին նա բռնած էր եղջույրից, ասելով․
― Նստի՛ր կողքիս, Բծավոր, մենք հոտ վերադառնալու համար ժամանակ դեռ ունենք։
Այծը կարծես հասկացավ նրան։ Տեսնելով, որ նա նստեց, ինքն էլ հանգիստ պառկեց նրա կողքին և սկսեց նայել նրան, ասես թե ուզում էր դրանով ասած լինել, թե ուշի֊ուշով լսելու է նրա ասելիքը։ Այծարածն իր պատմությունը սկսեց այսպես․
Գլուխ LI
Որ հաղորդում է, թե ինչ պատմեց այծարածը նրանց, ովքեր տանում էին դոն Կիխոտին
Այս հովտից երեք մղոն հեռու մի գյուղ կար, որ թեև փոքրիկ, բայց ամենահարուստն էր այդ շրջանում։ Այնտեղ շատ պատվավոր մի գյուղացի կար, և թեև սովորաբար մարդկանց հարստության համար են հարգում, նրան ոչ այնքան աշխատած հարստության համար էին հարգում, որքան նրա առաքինության համար։ Իսկ իր ասելով՝ իր գանձը իր աղջիկն էր՝ արտասովոր գեղեցիկ, հազվագյուտ խելացի, նազելի և անարատ, նրան ճանաչողները բոլորն էլ հիանում էին մեծամեծ արժանիքներից, որ շնորհել էր նրան երկինքը։ Մանուկ հասակից նա արդեն իսկ գեղեցիկ էր, տարիների հետ աճում էր նրա գեղեցկությունը, այնպես որ, երբ լրացավ նրա տասնվեց տարին, նա իսկական գեղեցկուհի դարձավ։ Նրա գեղեցկության համբավը տարածվեց հարևան գյուղերում, ― ի՜նչ եմ ասում, ― հասավ մինչև հեռավոր քաղաքները, թափանցեց թագավորական պալատը, ամենատարբեր մարդկանց ականջին հասավ, ― և բոլորը գալիս էին ամեն կողմից, որ տեսնեն իբրև հազվագյուտ կամ հրաշք բան։ Հայրը նրան պահպանում էր, նա ինքն էլ էր իրեն պահպանում, որովհետև ոչ մի կողպեք, պահակ ու փականք չի կարող ավելի լավ պահպանել մի կնոջ, քան սեփական պարկեշտությունը։
Հոր հարստությունն ու աղջկա գեղեցեկությունը համագյուղացիներից և դրսերից շատերին գրգռում էին խնամախոսության։ Սակայն հայրը, այն մարդուն նմանվելով, որ պետք է տնօրիներ այնքան թանկարժեք մի խաղալիք, շփոթմունքի մեջ էր և չգիտեր, թե անթիվ երկրպագուներից որի՞ն տա իր աղջկան։ Նրան բազմաթիվ ուզողներից մեկն էլ ես էի։ Եվ որովհետև նրա հայրը ճանաչում էր ինձ իբրև համագյուղացու, իբրև մաքուր արյան, ծաղիկ հասակում, հարուստ ժառանգի և խելոք մի տղայի՝ այդ ամենն ինձ մեծ ու հաստատ հույս էր ներշնչում։ Բայց մեր գյուղում մի ուրիշ երիտասարդ էլ կար, օժտված նույն հատկություններով, նա էլ էր խնամախոսում, և ահա հոր կամքը տատանվեց, և նա անորոշության մեջ էր, որովհետև խորհում էր՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը հավասարապես կարող է երջանկացնել նրա աղջկան։ Եվ, այդ դժվարին կացությունից դուրս գալու համար նա նա վճռեց ամեն ինչ ասել Լեանդրային (այդ էր հարուստ աղջկա անունը, որ ինձ այնպիսի թշվառական վիճակի մեջ գցեց), համարելով, որ մենք երկուսս էլ հավասար ենք, նա իր աղջկան թողեց ընտրել նրան, որը ավելի հաճելի լինի, ― իրենց զավակներին ամուսնացնել ցանկացող ծնողների համար գեղեցիկ օրինա՛կ։ Դրանով ես չեմ ուզում ասած լինել, որ ծնողները պետք է թույլ տան իրենց աղջիկներին ընտրել ստոր ու վատ մարդկանցից, այլ թող նրանք առաջարկեն մի քանի լավ փեսացուներ և թողնեն նրանց ըստ իրենց ցանկության ընտրություն անել։ Չգիտեմ, թե մեզնից որին ընտրեց Լեանդրան։ Միայն իմացա, որ հայրը, գործը ձգձգելու նպատակով հայտնեց մեզ, թե աղջիկը դեռ ջահել է և դրան ավելացրեց մի քանի ընդհանուր խոսքեր, որ մեզ համար վիրավորական չէին և նրան ոչ մի բանի չէին պարտավորեցնում։ Իմ ախոյանի անունը Անսելմո էր, իսկ իմը՝ Էուխենիո։ Արդ՝ դուք գիտեք գործող անձանց անունները այս ողբերգության, որ տակավին անավարտ է, սակայն թվում է, թե դժբախտ է լինելու։
Այդ միջոցին ժամանեց մեր գյուղը ոմն Վինսենտե դե լա Ռոկա՝ մի աղքատ գյուղացու որդի նույն շրջանից։ Նա վերադարձել էր Իտալիայից և այլ երկրներից, որտեղ ծառայել էր իբրև զինվոր։ Ինչ֊որ կապիտան իր խմբի հետ պատահմամբ անցնելիս է եղել մեր գյուղից, տարել է իր հետ տասներկու տարեկան տղային, որ հիմա, տասը տարի անց, վերադարձել էր երիտասարդ հասակում, խայտաբղետ զինվորական զգեստով, վրան կախկխած ապակյա զիզի֊պիզի բաներով և բարակ պողպատե շղթաներով։ Այսօր մեկ զարդ է կախում, վաղը՝ մյուսը, ― և բոլորն էլ նուրբ, երփներանգ, որ ավելի փայլ ունեին, քան արժեք։ Գյուղացիները, որ բնականից խորամանկ են, իսկ երբ ազատ ժամանակ են ունենում, մարմնացած խորամանկություն են դառնում, նրանք դիտել ու հաշվել էին նրա զգեստներն ու զարդերը, և դուրս էր եկել, որ նա ընդամենը երեք զգեստ ունի զանազան գույնի, յուրաքանչյուրը նման գույնի գուլպաներով ու կապիչներով, սակայն նա այնպիսի ճարտարությամբ է փոխնեփոխ հագնում, որ եթե համարված չլիներ, մարդ կերդվեր, որ ունի ոչ պակաս, քան տասը ձեռք զգեստ, մի քսան հատ էլ գլխարկի փետուր։ Միք մեղադրի ինձ, որ ձանձրալի և պարապ շաղակրատություն եմ անում․ եթե ես այսքան երկարապատում խոսում եմ նրա զգեստներից, դա նրանից է, որ նրանք մեծ դեր խաղացին իմ պատմության մեջ։
Նա նստում էր բարձր բարդու տակ՝ քարե նստարանի վրա, հրապարակում և պատմում էր քաջագործություններից, իսկ մենք ուշի֊ուշով, բերանբաց ունկնդրում էինք։ Երկրագնդի վրա տեղ չէր մնացել, որ նա այցելած չլիներ, ճակատամարտ չէր մնացել, որ նա մասնակցած չլիներ։ Նա ավելի շատ մավր էր բնաջինջ արել, քան կա Մարոկկոյում ու Թունիսում, նա ավելի շատ մենամարտություն է ունեցել, քան Գանտե ի Լունան, Դիեգո Գարսիա դե Պարեդիսը և հազար ու մի ուրիշները, որոնց անունը նա թվում էր և բոլոր մարտերից նա դուրս էր եկել հաղթական, առանց մի կաթիլ արյուն թափելու։ Նա ցույց էր տալիս վերքերից մնացած սպիները ― և չնայած որ նրանք չէին երևում, նա այնուհանդերձ պնդում էր, որ դրանք հրացանի գնդակի հետքեր են, որ այլևայլ մարտերում ու կռիվներում դիպել էին նրան։ Վերջապես չտեսնված անպատկառությամբ նա իրեն հավասար և իրեն լավ ծանոթ մարդկանց դու էր ասում, հայտարարում էր, թե իր հայրը իր ձեռն է, ծննդաբանությունը՝ քաջագործությունները և, զինվորական համազգեստը հագին, ինքը թագավորից անգամ ոչնչով ցածր չի։ Այդ ինքնավստահությանն ավելանում էր այն, որ նա շատից֊քչից երաժիշտ էր և կիթառ էր ճնկճնկացնում, այնպես որ ոմանք ասում էին, թե նա կիթառը խոսեցնում է։ Դրանով նրա քանքարը չէր սահմանափակվում, որովհետև նա պոետ էլ էր և ամեն դատարկ բանի առիթով, որ պատահում էր մեր գյուղում, նա մեկ մղուն ու կես երկարությամբ երգ էր հորինում։
Ահա այդ զինվորը, որին ես նկարագրեցի, այդ Վինսենտե դե լա Թոկան, այդ ղոչաղը, այդ պնճնասերը, այդ երաժիշտը, այդ պոետը հաճախակի ընկնում է Լեանդրայի աչքին, որ նայում էր նրան իր տան հրապարակի վրա ելնող լուսամուտից։ Նրա պերճ զուգսերի արտաքին փայլը հիացրեց աղջկան, նրա երգերը (որ նա ցանկացողների համար քսանական անգամ արտագրում էր) դյութեցին նրան։ Համբավը նրա քաջագործությունների, որոնց մասին նա ինքն էր պատմում, հասավ նրա ականջին ― մի խոսքով՝ ինքը սատանան, երևի, այնպես սարքեց, որ աղջիկը սիրահարվեց ավելի շուտ, քան նրա մեջ աղջկան տիրանալու խիզախ ցանկություն ծագեց։ Իսկ որովհետև սիրային գործերն ամենից արագ առաջ են ընթանում, երբ որ կինն է ցանկություն ունենում, ապա Լեանդրան ու Վինսենտեն դյուրությամբ խոսքը մեկ արին և, նախքան աղջկա բազմաթիվ երկրպագուներից մեկն ու մեկը գլխի ընկավ նրա մտադրության մասին, նա արդեն իր մտադրությունը կատար էր ածել։ Նա լքեց իր սիրելի ու պաշտելի հոր տունը (մայր չուներ նա) և փախավ գյուղից զինվորի հետ, որ այդ գործում ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան բազմաթիվ գործերում, որ ինքը վերագրում էր իրեն։
Ամբողջ գյուղն ապշել էր այդ դեպքից, և ոչ միայն մեր գյուղացիք, այլև բոլոր նրանք, որոնց հասավ այդ լուրը։ Ես շփոթված էի, Անսելմոն՝ ապշած, հայրը՝ վշտացած, բարեկամները՝ ամոթահար։ Ոստիկանությանը ոտքի հանեցին, նրանց ետևից հրացանաձիգներ ուղարկվեցին։ Ճամփաները չափեցին, մերիներն ու անտառները խուզարկեցին, որոնեցին ամենուր։ Վերջապես, երեք օրից հետո գտան քմահաճ Լեանդրային մի լեռան անձավում՝ շորերը հանած, շապկանց, առանց փողի և թանկագին իրերի, որ վերցրել էր հետը տնից։ Երբ որ նրան վերադարձրին թշվառ հոր մոտ, հարց ու փորձ արին պատահած դժբախտության մասին, նա ինքնաբերաբար խոստովանեց, որ Վինսենտե դե լա Ռոկան նրան խաբել և հետը ամուսնանալու խոսք տվել, համոզել էր նրան թողնել հոր տունը։ Խոստացել էր նրան տանել աշխարհիս երեսին ամենահարուստ և առատ քաղաքը՝ Նեապոլ։ Լեանդրան, լինելով անփորձ, վստահեց ու խաբվեց և, կողոպտելով իր հորը, հետևեց Վինսենտին նույն գիշերը, երբ փախավ։ Իսկ Վինսենտեն նրան տարավ մի գիրթ սար և լքեց այն անձավում, որտեղ նրան գտել էին։ Նա ավելացրեց, թե զինվորը իր պատվին չի դիպել և, խլելով իր ողջ ունեցածը, լքել է նրան անձավում և ինքը գնացել։ Այդ հանգամանքը բոլորին տարօրինակ թվաց։ Դժվար էր, սինյոր, հավատ ընծայել այդ ջահելի զսպվածությանը։ Սակայն Լեանդրան այնպիսի ավյունով էր պնդում այդ հանգամանքը, որ վերջապես նրան հաջողվեց ամոքել անմխիթար հորը, որը այլևս չէր ափսոսում իր կողոպտած հարստության համար, քանի որ իր աղջկանից չէին խլել այն թանկագին բանը, որի կորուստ այլևս անկարելի է վերականգնել։ Լեանդրայի գտնված օրը հայրը նրան հեռացրեց մեր աչքերից և հարևան քաղաքում գտնվող վանքը տարավ՝ հուսալով, որ ժամանակը կմեղմացնի աղջկա վաստակած վատ համբավը։ Լեանդրայի երիտասարդությունը նրան հանցանքի արդարացում էր ծառայում առնվազն այն մարդկանց աչքում, որոնց համար էապես մեկ հաշիվ էր՝ լա՞վ կին էր նա արդյոք, թե՞ վատ։ Սակայն նրա խելքն ու բանիմացությունը ճանաչողները նրա մեղքը անփորձության չէին վերագրում այլ թեթևամտության և կանացի բնության բնական հատկություններին։
Երբ որ Լեանդրային փակեցին վանքում, Անսելմոյի աչքերը մարեցին, որովհետև այլևս նրա աչքը ոչինչ ուրախացնող բան չմնաց։ Ես էլ էի անշող խավարում ապրում, ես էլ ոչ մի բանի վրա նայել չէի ուզում։ Մեր տխրությունն աճում էր մեր անհամբերության հետ։ Մենք անիծում էինք պարծենկոտ զինվորին և վրդովվում, որ հայրը չկարողացավ պահպանել աղջկան։ Վերջապես երկուսս էլ վճռեցինք լքել մեր գյուղը և բնակվել այս հովտում, որտեղ նա ոչխար է արածանցնում, ես՝ այծ, մեր կյանքը այս ծառերի միջև անց կացնելով, անձնատուր եղած մեր կրքին՝ երգելով Լեանդրայի գովքը կամ պարսավանքը միասին, կամ ախ քաշում զատ֊զատ՝ լոկ երկինքը հաղորդակից անելով մեր տրտունջներին։ Հետևելով մեր օրինակին՝ Լեանդրայի բազմաթիվ այլ երկրպագուներ այս լեռներն են քաշվել և նույն գործով են զբաղվում, ինչ որ մենք։ Մեր բանակն այնքան է աճել, որ այս վայրը նոր Արկադիայի տեղ կարելի է ընդունել, այնքան հովիվ ու հոտ է երևացել։ Ոչ մի տեղ այնքան հաճախ չի հնչում գեղեցիկ Լեանդրայի անունը։ Մեկն անիծում է նրան, անվանում քմահաճ, փոփոխամիտ, անպարկեշտ, մյուսը՝ թեթևսոլիկ ու թեթևամիտ, մեկը նրան արդարացնում ու ներում է, մյուսը դատապարտում ու պարսավում, մեկը գովաբանում է նրա գեղեցկությունը, մյուսը անիծում նրա բնավորությունը, վերջապես՝ բոլորը նրան անպատվում և բոլորը պաշտում են։ Նրանց խելագարությունն այն աստիճանի է հասնում, որ ոմանք գանգատվում են, թե նա արհամարհել է իրենց, մինչդեռ նրանք նրան երբեք մի բառ էլ ասած չեն եղել, իսկ ոմանք կեղեքվում ու տառապում են խանդի կատաղի ցավից, որ նա ոչ ոքի չէր կարող ներշնչել, քանի որ, ինչպես արդեն ես ձեզ ասացի, մենք նրա մեղքն ավելի շուտ իմացանք, քան մտադրությունը։ Ժայռ չմնաց, վտակ չմնաց, ծառ չմնաց, որի մոտ որևէ հովիվ պատմելիս չլիներ քամուն իր սիրային տանջանքները։ Ամենուր արձագանքը կրկնում է Լեանդրայի անունը։ Լեռները կրկնում են՝ Լեանդրա, և Լեանդրան պահում է մեզ բոլորիս հմայված և կախարդված, և մենք անհույս հուսում ենք, երկյուղ ենք կրում, առանց իմանալու, թե ինչից։ Այս խելագարների միջև ամենացնորամիտն ու ամենաառողջամիտը միաժամանակ իմ ախոյան Անսելմոն է։ Ունենալով գանգատվելու այնքան առիթներ՝ նա ողբում է լոկ Լեանդրայի բացակայությունը իր ոտանավորումներում, երևան հանելով իր մտքի նրբությունը և երգելով նրանց ռաբելի նվագակցությամբ, որ նա զարմանալի լավ է նվագում։ Գալով ինձ՝ ես ավելի բնական և դյուրին ուղի եմ ընտրել, ինձ թվում է, ավելի արդարացի է դատափետել կանանց թեթևամտությունը, նրանց անհաստատամտությունը, նրանց երկերեսանիությունը, նրանց խաբուսիկ խոստումները, երդմնազանցությունը և վերջապես նրանց խոհերի ու մտադրությունների թեթևսոլիկությունը։ Ահա թե, սինյորներ, ինչն է իմ խոսքերի և ասածների իմաստը, որ ասացի այս այծին, երբ որ մոտեցա այստեղ, թեև իմ ողջ հոտի մեջ նա լավագույնն է, բայց ես նրան բարձր չեմ դասում, քանի որ նա իգական սեռին է պատկանում։ Ահա այն պատմությունը, որ խոստացա անել ձեզ։ Թերևս ձեզ այն երկար թվաց, դա նրանից է, որ ձեզ ծառայելու պատրաստակամությունս էլ մեծ է եղել։ Իմ տաղավարը շատ մոտ է այստեղից, ես ունեմ թարմ կաթ, ընտիր պանիր և ամեն տեսակ միրգ, որոնց տեսքը նույնքան հաճելի կլինի, որքան համը։
Գլուխ XLII
Դոն Կիխոտի վեճի մասին հովվի հետ և ապաշխարողների հազվադեպ արակածի, որ երջանիկ վախճանի հանգեց մեր ասպետի քրտինքի գնով
Այծարածի պատմությունը մեծ բավականություն պատճառեց ամենքին և մանավանդ եկեղեցականին, որ գտավ, թե պատմողն արտահայտվեց ոչ թե գեղջուկ այծարածի, այլ նուրբ ու քաղաքավար ոստանիկի պես և թե քահանան միանգամայն իրավացի էր ասելով, որ լեռները սնում են գիտուններ։ Բոլորն առաջարկեցին Էուխենիոյին իրենց ծառայությունը, սակայն ամենից առատաձեռնը դոն Կիխոտը եղավ, որ ասաց․
― Ճիշտ եմ ասում, այծարած եղբայր, եթե ինձ թույլատրած լիներ ձեռնամուխ լինել որևէ արկածի, ես իսկույն ևեթ ճամփա կընկնեի՝ ձեզ լավություն արած լինելու համար։ Ես կերթայի, որ ձեր Լեանդրային հանեմ վանքից, որտեղ անտարակույս, նա իր կամքին հակառակ է փակվել, սրբաքրոջ և բոլոր նրանց ջգրու, ում խելքին փչեց հակառակելու ինձ, և ես կվերադառնայի, որ նրան հանձնեմ ձեր ձեռքը, և դուք վարվեիք ըստ ձեր կամքի՝ բնականաբար, պահպանելով ասպետականության օրենքները, որ արգելում են օրիորդներին պատճառել որևէ տհաճություն։ Սակայն ես հույս ունեմ, տեր Աստծո օգնությամբ, որ չար կախարդի զորությունը այնքան ուժ չի ունենա, որ դիմանա բարի կախարդին, ուստի և ես խոստանում եմ ձեզ իմ օգնությունն ու հովանավորությունը, ինչպես պարտավորացնում է ինձ իմ կոչումը, որ թույլ ու ճնշվածներին օգնելն է։
Այծարածն սկսեց զննել դոն Կիխոտին և, տեսնելով նրա տարօրինակ տեսքն ու վատ արտաքինը զարմացավ ու դիմեց դալլաքին, որ իր կողքին էր․
― Սինյոր, ո՞վ է այս մարդը, որ ունի նման կերպարանք և խոսելու տարօրինակ եղանակ։
― Էլ ո՞վ, ― պատասխանեց դալլաքը, ― եթե ոչ հռչակավոր դոն Կիխոտ Լամանչեցին, վիրավորների վրիժառուն, արդարության վերականգնողը, կույսերին հովանավորողը հսկաների ահ ու զարը և մարտերի մեջ՝ հաղթանակողը։
― Նա նման է, ― պատասխանեց այծարածը, ― ասպետական գրքերում կարդացածներիս, որոնց մեջ թափառական ասպետներն անում են ձեր ասածները։ Եվ ես կարծում եմ, որ ձերդ ողորմածությունը կա՛մ ծաղրում է ինձ, կա՛մ պետք է որ այս ազնիվ սինյորի գլուխը դատարկ լինի։
― Լի՛րբ֊անզգամ, ― գաչեց դոն Կիխոտը, ― դատարկ ու սարսաղը դո՛ւք եք, իմ գլուխն այնքան լիքն է, ինչպես չի եղել ձեզ աշխարհ բերող անառակի աղջիկ անառակ կինը։
Խոսքը գործի վերածելով՝ նա վերցրեց մոտը դրած հացն ու շպրտեց այծարածի վրա այնպիսի կատաղությամբ, որ նրա քիթ ու պռունկը ջարդեց։ Այծարածը, որ կատակ չէր հասկանում, և տեսնելով, թե հետը ինչ վատ են վարվում, ո՛չ գորգ ջոկեց, ո՛չ սփռոց, ո՛չ էլ ողջ հասարակությանը, որ նստած էր հացի, հարձակվեց դոն Կիխոտի վրա, երկու ձեռքով բռնեց նրա պարանոցը և, անշուշտ, կխեղդեր նրան անգթորեն, եթե Սանչո Պանսան վրա չհասներ նույն վայրկյանին և չբռներ նրա ուսերից և վայր չգցեր նրան գորգի վրա, ջարդելով բաժակները, ջարդելով ափսեները, նրանց մեջը եղածները թափելով և ցրիվ տալով։ Դոն Կիխոտը ազատվելով նորից հարձակվեց այծարածի վրա, որ երեսը արյունլվա, Սանչոյից ոտնահար, սողեսող գորգի վրա դանակ էր որոնում, որպեսզի արյունոտ վրեժ լուծի։ Բայց եկեղեցականն ու քահանան արգելք հանդիսացան, իսկ դալլաքն այնպես սարքեց, որ այծարածը հաջողեց դոն Կիխոտին իր տակը կոխել և այնքան շատ հարված հասցնել, որ խեղճ ասպետի երեսից նույնքան արյուն թափվեց, որքան իրենիցը։ Եկեղեցականն ու քահանան ծիծաղից թուլացան։ Հրացանաձիգներն ուրախությունից թռչկոտում էին և քըս էին տալիս մեկը մյուսի վրա, ինչպես կռվող շներին են անում։ Սանչոն էր միայն հուսահատ վիճակում, որովհետև եկեղեցականի ծառաներից մեկը նրան բռնել֊խանգարում էր, որ օգնի իր տիրոջը։
Վերջապես, երբ որ բոլորը ծիծաղում էին, բացառությամբ երկու կռվողների, հանկարծ հնչեց շեփորի ձայն, այնքան տխուր, որ բոլորը երեսները դարձրին այն կողմ, որտեղից հնչեց ձայնը։ Բայց ամենից շատ հուզվողը դոն Կիխոտը եղավ, որ թեև հակառակ իր կամքի պառկած էր այծարածի տակ և ավելի քան աղցան կտրած, ասաց․
― Լսի՛ր, դև, անկարելի բան է, որ դու դև չլինես, քանի որ ուժ ու կարողություն ես ունեցել գերազանցելու ինձ, խնդրում եմ, մեկ ժամով դադար անենք, որովհետև այն շեփորի տխրահեծ ձայնը, որ մենք առանք, կարծես թե ինձ որևէ նոր արկածի է կոչում։
Այծապանը հոգնած ծեծելուց ու ծեծվելուց, բաց թողեց նրան։ Իսկույն դոն Կիխոտը ոտի ելավ, դարձավ այն կողմը, որտեղից գալիս էր ձայնը և տեսավ, որ բլուրից իջնում են բազմաթիվ մարդիկ, ճերմակ շապիկ իրենց հագին, ապաշխարողների պես։
Պատճառն այն էր, որ այն տարին ամպերը մերժել էին խոնավություն բաշխել երկրին, և այդ կողմի բոլոր գյուղերում թափոր էր լինում, աղոթք ու ապաշխարական երթ, որպեսզի Աստված իր ողորմած ձեռները բանա և բաշխի երկրին անձրև։ Ահա թե ինչու մոտիկ գտնվող գյուղի բնակիչները ուխտագնացության էին գնում այս հովտի զառիվայրում կանգնած սուրբ մատուռը։ Դոն Կիխոտը տեսնելով ապաշխարողների տարօրինակ հանդերձը, իակույն մոռացավ, որ նա քանիցս հանդիպել է նման մարդկանց և երևակայեց, թե սա մի նոր արկած է, որին նա, իբրև թափառական ասպետ, պիտի դեմ տա իր կուրծքը։ Մի բան, որ հաստատեց նրան իր կարծիքի մեջ, այն էր, որ նա տեսավ սև քողով ծածկված սրբապատկեր, որ տանում էին ապաշխարորղները։ Նա երևակայեց, թե դա որևէ իշխանուհի է, որին առևանգում են նենգ ու կոպիտ ավազակները։ Հենց որ այս նրա մտքիցն անցավ, նա վազեց դեպի Ռոսինանտը, որ արածում էր, վերցրեց թամքից կապած սանձն ու վահանը, վայրկյանապես ձիու սանձը գցեց, Սանչոյից պահանջեց իր թուրը, թռավ Ռոսինանտի վրա, վահանը բռնեց և բարձրաձայն ասաց ներկա գտնվողներին․
― Հիմա դուք, պատվական սինյորներ, կտեսնեք, թե ինչի համար գոյություն ունեն աշխարհիս երեսին ասպետները, որ թափառական ուխտի ասպետներին են պատկանում։ Հիմա, ասում եմ, այն բարի տիկնոջ ազատության հետևանքով, որին գերի են վարում, դուք կտեսնեք՝ արժանի՞ են արդյոք հարգանքի թափառական ասպետները։
Այս ասելով՝ նա սեղմեց Ռոսինանտի կողերը խթաններ չունենալու պատճառով։ Ձին արագ վազեց (այս ճշմարտապատում ողջ պատմության ընթացքում դուք չեք կարդացել, որ Ռոսինանտը երբևէ արագ վազ տար), և նա սլացավ ընդդեմ ապաշխարողների, թեև քահանան, եկեղեցականն ու դալլաքը ճիգ էին անում նրան ետ պահել։ Նույնքան ապարդյուն անցան Սանչոյի թախանձանքները, որ ասում էր․
― Ո՞ւր ես գնում, սինյոր դոն Կիխոտ։ Ի՞նչ դևեր են ձեզ մեր կաթոլիկ հավատի դեմ գնալու մեղքի մեջ գցել։ Տեսեք, չարը ինձ տանի, ախր սա ապաշխարողների թափոր է, իսկ տիկինը, որին տանում են հենարանի վրա դրած, անարատ կույսի օրհնյալ պատկերն է։ Տեսե՞ք, սինյոր, թե ինչ եք ուզում անել։ Այս անգամ արդեն կարելի է ասել, որ ձեր գործը չէ։
Սանչոն զուր էր աշխատում՝ նրա տերն այնպես էր շտապում հարձակվել ապաշխարողների վրա և ազատել սգավոր տիկնոջը, որ ոչ մի խոսք չլսեց։ Եթե անգամ լսելու լիներ, նա ետ չէր դառնա, եթե նույնիսկ թագավորը հրամայելու լիներ։ Մոտենալով թափորին՝ նա կանգնեցրեց Ռոսինանտին, որի ուզածն էլ հենց մի քիչ հանգստանալն էր, և խռպոտ ու հուզված ձայնով ասաց․
― Հե՜յ, դուք, որ անազնիվ մարդիկ եք, թե չէ չէիք ծածկի ձեր երեսը, լսեցեք, ինչ եմ ասում․
Առաջին կանգ առնողները պատկերը տանողներն էին և աղոթք երգող չորս տիրացուներից մեկը, որ նկատեց դոն Կիխոտի տարօրինակ արտաքինը, Ռոսինանտի լղարությունը և մեր ասպետի այլ ծիծաղելի առանձնահատկությունները, պատասխանեց․
― Սինյոր, եթե դուք մեզ ասելու բան ունեք, ասացեք շուտով, որովհետև այս եղբայրները, որ դուք տեսնում եք, խոշտանգում են իրենց մարմինը, և մենք ի վիճակի չենք կանգ առնելու ձեր խոսքը լսելու համար ― ասացեք ձեր ասելիքը կարճ, երկու խոսքով։
― Ես մեկ խոսքով կասեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ահա թե ինչ՝ իսկույն ևեթ ազատ արձակեցեք այդ սիրուն տիկնոջը, որի արցունքն ու տխրությունը պարզապես վկայում են, որ դուք նրան տանում եք հակառակ իր կամքի և որ դուք նրան սաստիկ վիրավորանք եք հասցրել։ Ես, որ ծնվել եմ այս աշխարհում, որպեսզի վրիժառու լինեմ վիրավորանքի համար, թույլ չեմ տա, որ մի քայլ առաջ ընթանաք նախքան նրան ցանկալի և արժանի ազատությունը չվերադարձնեք։
Այս խոսքերից բոլորը հասկացան, որ դոն Կիխոտը խելագար է և քահ֊քահ ծիծաղեցին, բայց այդ ծիծաղը դարձավ վառոդ, որից բռնկեց դոն Կիխոտի զայրույթը, և նա, այլևս առանց մի խոսք ասելու, թուրը քաշեց և հարձակվեց հենարանի վրա։ Բռնողներից մեկը, որ իր տեղը տալով ընկերներից մեկին, դուրս եկավ դոն Կիխոտի դեմ, ձեռքին՝ փայտը, որ դնում են հենարանի տակ հանգստանալու միջոցին։ Դոն Կիխոտը թրով հարվածեց այդ փայտին և երկու կես արեց փայտը։ Բայց գյուղացին ձեռքին մնացած փայտի կտորով այնպես խփեց դոն Կիխոտի ուսին (այն կողմից, որ նրա թուրն էր և անկարելի էր վահանով ծածկել, որ խեղճ ասպետը ձիուց վայր ընկավ շատ վատթար վիճակում։ Սանչո Պանսան, որ հևիհև հետևում էր նրան, տեսնելով նրան գետնատարած, ճչաց նրա հակառակորդին, որ այլևս չխփի, ավելացնելով, որ դա մի խեղճ, կախարդված ասպետ է, որ իր ողջ կյանքում ոչ ոքի վնաս չի տվել։ Գյուղացին կանգ առավ, բայց ոչ թե Սանչոյի աղաղակից, այլ տեսնելով, որ դոն Կիխոտն անշարժ ընկած է գետնին։ Կարծելով, որ սպանել է նրան, նա արագ֊արագ բարձրացրեց շապիկի փեշերը, խրեց գոտին և սկսեց վազել դաշտով եղջերուի պես։
Այդ միջոցին վրա հասավ դոն Կիխոտի ողջ հասարակությունը նրա պառկած տեղը։ Թափորի մարդիկ տեսնելով, վազեվազ եկողներին, որոնց մեջ հրացանները ձեռքին գյուղական ոստիկաններ կային, վախենալով, որ վատ բան դուրս կգա, խմբվեցին սրբապատկերի շուրջը, կնգուղները քաշեցին գլուխները, բռնեցին իրենց մտրակները, տիրացուները՝ իրենց մոմակալները և, սպասելով հարձակման, որոշել էին պաշտպանվել և անգամ հարձակման դիմել, եթե կարելի լինի։ Սակայն բախտը տնօրինել էր ավելի լավ, քան կարելի էր կարծել։ Սանչո Պանսան ընկել էր իր տիրոջ մարմնի վրա և ողբ էր անում ամենացավագին և ծիծաղելի կերպով, նրան մեռած համարելով։ Մեր քահանային ճանաչեց թափորին մասնակցող քահանան, ուստի երկյուղը, որ ներշնչում էին իրար երկու խմբերը, փարատվեց։ Մեր քահանան երկու խոսքով բացատրեց մյուսին, թե ով է դոն Կիխոտը, ապա թե ապաշխարողների բազմությունը մոտեցավ դոն Կիխոտին, որ տեսնի, թե խեղճ ասպետը մեռե՞լ է արդյոք և լսեցին, թե ինչպես Սանչո Պանսան, արցունքն աչքերին ասում էր․
― Օ՜, ծաղիկդ ասպետության, փայտի մեկ հարվածից ընդհատվեցին քո տարիները, որ դու այնքան լավ էիր գործադրում։ Քո տոհմի պատիվը, բովանդակ Լամանչի և արար աշխարհի փառքն ու պատիվը, առանց քեզ աշխարհը կլցվի ոճրագործներով, որոնք այլևս չեն վախենա պատժից իրենց հանցագործությունների համար։ Օ՜, առատաձեռդ, առավել քան բոլոր Ալեքսանդրերը, դու, որ լոկ ութ ամսվա ծառայության համար մտադիր էիր տալու ինձ լավագույն կղզին, որին ծովը գոտևորում ու շրջապատում է։ Օ՜, խոնարհդ գոռոզների հետ և գոռոզդ խոնարհների հետ, վանողդ վտանգի, համբերողդ վիրավորանքի, սիրահարվածդ առանց առարկայի, ընդօրինակողդ բարու, խարազանդ չարի, թշնամիդ ստորության, վերջապես՝ թափառականդ ասպետ, որով ամեն ինչ ասված է։
Սանչոյի ողբ ու կոծից դոն Կիխոտը ուշքի եկավ և նրա առաջին խոսքերն էին․
― Նա, որ ապրում է հեռու ձեզնից, քաղցրագույն Դուլսինեա, ենթակա է ավելի վատթար աղետների, քան այս է։ Օգնի՛ր ինձ, Սանչո բարեկամ, բարձրանամ կախարդված սայլի վրա, որովհետև ես ի վիճակի չեմ Ռոսինանտի վրա նստելու՝ ուսս ջարդված է։
― Ամենայն սիրով, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― և, եկեք վերադառնանք մեր գյուղը, ընկերակցությամբ այս սինյորների, որ ձեր բարին են ցանկանում, այնտեղ մենք կնախապատրաստենք նոր արշավ, որ մեզ կտա ավելի օգուտ ու փառք։
― Լավ ես ասում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մեծ խոհեմություն կլինի, թողնենք, որ համաստեղությունների այժմյան չար ազդեցությունն անցնի։
Եկեղեցականը, քահանան և դալլաքն ասացին, թե շատ լավ կլինի նրա ասածը կատարել և, Սանչոյի պարզամտությունից կուշտ զվարճանալուց հետո նրանք նորից դոն Կիխոտին դրին սայլի վրա, ինչպես նա առաջ գնում էր։ Երթը վերստին իր կարգով ճամփա ընկավ։ Այծարածը բոլորին հրաժեշտ տվեց։ Հրացանաձիգները չկամեցան այլևս նրանց հետ գնալ, և քահանան վճարեց նրանց, ինչքան որ հարկն էր։ Եկեղեցականը խնդրեց տեղեկացնել իրեն, թե ինչ կլինի դոն Կիխոտի վերջը՝ կբուժվի՞ արդյոք խելագարությունից, թե ոչ և թույլտվություն խնդրեց շարունակելու իր ուղին։ Վերջապես, բոլորը բաժանվեցին իրարից ու գնացին, մնացին միայն քահանան ու դալլաքը, դոն Կիխոտն ու Սանչո Պանսան և բարի Ռոսինանտը, որ ինչ էլ տեսներ, ընդունում էր մեծ համբերությամբ, ինչպես իր տերը։
Սայլապանը եզները լծեց, նստացրեց դոն Կիխոտին մի խուրձ խոտի վրա և իր սովորական անխռովությամբ ճամփա ընկավ քահանայի ցույց տված ուղիով և վեց օրից նրանք հասան դոն Կիխոտի գյուղը։ Կիրակի էր և օրը ցերեկ։ Հրապարակի վրա, որի միջով անցնում էր դոն Կիխոտի սայլը, ժողովուրդի բազմություն կար։ Բոլորը հավաքվեցին, որ տեսնեն, թե ով է սայլով եկողը և, ճանաչելով իրենց համագյուղացուն, մնացին զարմացած։ Մի տղա վազեց, որ իմաց տա դոն Կիխոտի քրոջ աղջկան և տնտեսուհուն, թե եկել է մեկի՝ քեռին, մյուսի՝ տերը՝ լղար ու դեղնած, եզներ լծած սայլով, մեկնված մի խուրձ խոտի վրա։ Ցավալի էր լսել, թե ինչ լացուկոծ բարձրացրին երկու բարի կանայք, ինչպես էին կուրծք ծեծում, ինչպես էին նորից ու նորից անիծում ասպետական վեպերը։ Այս ամենը կրկնվեց, երբ որ նրանք տեսան դոն Կիխոտին դռնից ներս մտնելիս։
Դոն Կիխոտի գալստյան լուրն առնելով, վազեվազ եկավ և Սանչո Պանսայի կինը, որ տեղյակ էր, թե իր մարդը մեր ասպետի զինակիրն է դառել։ Սանչոյին տեսնելուն պես առաջին հարցն այն եղավ, թե ինչպես է իրենց էշը։
Սանչոն պատասխանեց, թե ավելի լավ, քան իր տերը։
― Փառք աստծու, ― հարեց կինը, ― այդքան բարիքի համար։ Հիմա պատմեցեք տեսնեմ, բարեկամ, զինակրի պաշտոնից ի՞նչ օգուտ եք քաղել։ Ի՞նչ նվեր եք բերել ինձ համար։ Ո՞ւր են ձեր երեխաների կոշիկները։
― Այդ տեսակի բաներ չեմ բերել, կինս, ― ասաց Սանչոն, ― բայց ուրիշ բան եմ բերել, ավելի կարևոր։
― Դու ինձ շատ ես ուրախացնում, ― պատասխանեց կինը, ― դե, ցույց տուր ինձ այդ ավելի կարևոր բանը, բարեկամս, ցույց տուր՝ տեսնեմ, որ սիրտս ուրախանա, ախր, այնքան տխուր ու տրտում է եղել ձեր դարավոր բացակայության ընթացքում։
― Տանը ցույց կտամ, կին, ― ասաց Պանսան, ― առայժմ գոհացիր նրանով, որ եթե Աստված հաջողի մեկ էլ ճամփա ընկնենք արկածներ որոնելու, դուք ինձ շուտով կտեսնեք կոմս կամ կղզու վարչապետ դառած, այն էլ ոչ թե մի քոսոտ, այլ ամենալավ կղզու։
― Աստված բարին կատարի, մարդ իմ, կղզին մեզ շատ պետքական է։ Միայն թե ասացեք ինձ, կղզին ի՞նչ բան է, ես գլխի չեմ ընկնում։
― Էշն ինչ գիտե՝ նուշն ինչ է, ― պատասխանեց Սանչոն, ― ժամանակը կգա կտեսնեք, կին, աբա՛ թե կզարմանաս, հա, երբ որ լսես, որ բոլոր հպատակներդ քեզ ձերդ պայծառություն են անվանելու։
― Ինչե՜ր ես խոսում պայծառություններից, կղզիներից ու հպատակներից, Սանչո։ ― Պատասխանեց Խուանա Պանսան (այդպես էր կոչվում Սանչոյի կինը, թեև նրանք ազգականներ չէին, բայց Լամանչում ընդունված է կանանց անվանել իրենց մարդկանց անունով)։
― Մի՛ շտապիր, Խուանա, ամեն ինչ այդքան արագ իմանալ։ Բավական է, որ ես քեզ ճշմարտություն եմ ասում և բերանդ փակ պահիր։ Կասեմ միայն հարևանցիորեն, որ արկածախնդիր թափառական ասպետի պատվելի զինակիրը լինելուց ավելի հաճելի բան աշխարհիս երեսին չկա՛։ Ճիշտ է, արկածների մեծ մասը այնպիսի վախճան չեն ունենում, ինչպիսին մարդ կցանկանար և հարյուրից ինսունինը ծուռ ու մուռ են դուրս գալիս։ Այդ ես փորձով գիտեմ, եղել է, որ ինձ վերմակի վրա վեր֊վեր են թռցրել, այլ անգամ ջարդ ու բուրդ արել։ Այնուհանդերձ, շատ հաճելի բան է փորձել բախտը, մագլցել ժայռերի վրա, անցնել անտառներ, հաճախել դղյակներ և ձրի իջևանել հյուրանոցներում, առանց մի գրոշ անգամ վճարելու, գրողը տանի՜։
Այսպես էին զրուցում Սանչո Պանսան ու Խուանա Պանսան, մինչդեռ դոն Կիխոտի տնտեսուհին ու քրոջ աղջիկը ընդունում էին դոն Կիխոտին, շորերը հանում և պառկեցնում հին անկողնում։ Դոն Կիխոտը նայում էր նրանց մոլոր հայացքով և չէր կարողանում հասկանալ, թե ինքը որտեղ է։ Քահանան դոն Կիխոտի քրոջ աղջկան խորհուրդ տվեց լավագույն կերպով խնամել իր քեռուն և զգուշանալ, որ նա մեկ է չփախչի տանից՝ պատմելով նրան՝ թե ինչեր են իրենք արել, որպեսզի նրան տուն դարձնեն։ Այստեղ երկու կանայք նորից լաց ու կոծ բարձրացրին, նորից սկսեցին անիծել ասպետական վեպերը և աղերսում էին երկնքից, որ ողջ այդ ստերի ու անմտությունների հեղինակներին գլորի անդունդի խորքը։ Նրանք մնացին մշտական ահի մեջ, թե մեկի՝ քեռին, մյուսի՝ տերը կրկին կլքի իրենց, հենց որ մի քիչ կազդուրվի, մի բան, որ այդպես է եղավ, ինչպես նրանք նախատեսում էին։
Այս պատմության հեղինակը, հակառակ իր թափած ջանասիրության, չկարողացավ դոն Կիխոտի երրորդ արշավի միջոցին նրա կատարած սխրագործությունների մասին որևէ տեղեկություն գտնել, առնվազն ստույգ աղբյուրներից։ Լամանչի ավանդություններում պահպանվել է դոն Կիխոտի արշավի հիշատակը, երրորդ անգամ տնից դուրս գալու, Սարագոսա ժամանելու մասին, որտեղ մասնակցել է հռչակավոր մենամարտությունների, որ կազմակերպած են եղել այդ քաղաքում և որտեղ նա իր զորության և բարձր բանականության արժանի գործեր է կատարել։
Սակայն վերջին քաջագործությունների և նրա մահվան մասին հեղինակը ոչինչ չկարողացավ գտնել և երբեք էլ չէր գտնի, եթե բարի բախտը նրան չներկայացներ մի ծեր բժշկի, որ ուներ կապարե մի արկղիկ, որ, իր ասելով, գտնված էր հին մի մատուռի վերանորոգության ժամանակ ավերակների մեջ։ Այդ արկղիկի մեջ գոթական գրերով, բայց իսպաներեն ոտանավորներով գրած մի մագաղաթ կար, որ պարունակում էր դոն Կիխոտի բազմաթիվ սխրագործությունները, տեղեկություն կար Դուլսինեա Տոբոսցու գեղեցկության, Ռոսինանտի արտաքինի, Սանչո Պանսայի հավատարմության և մեր ասպետի թաղման մասին։ Կային նույնպես զանազան տապանագրեր և նրա կյանքի և բնավորության վերաբերող գովասանական ոտանավորներ։ Այս զարմանալի և ցարդ չտեսնված ճշմարտապատում պատմության հեղինակը հաղորդում է այս, ինչ որ հաջողվեց վերծանել ու կարդալ։ Եվ, իբրև վարձատրություն Լամանչի բոլոր արխիվները հետազոտելու և ուսումնասիրելու վրա թափած աշխատանքի, հեղինակն իր ընթերցողներից լոկ մեկ բան է խնդրում՝ վերաբերվել այս պատմության նույնպիսի հավատով, ինչ որ խելամիտ մարդիկ վերաբերվում են ասպետական վեպերին, որ հիմա մեզանում այնքան տարածված են։ Այդ վստահությունը նրա համար բավական վարձատրություն ու բավարարություն կլինի և ոգևորելով կմղի նրան այլ պատմությունների որոնումների, եթե ոչ նույնքան ճշմարտապատում, ինչպես այս մեկն է, ապա համենայն դեպս, ոչ պակաս զվարճալի ու հաճելի։
Ահա կապարե արկղիկի մեջ գտնված մագաղաթի առաջին խոսքերը․
Լամանչյան ավանի, Արգամասիլյայի ակադեմիկոսները, արի դոն Կիխոտ Լամանչեցու կյանքի և մահվան առթիվ
- Տապանագիր
Հիմար, որի առաջ գովել են հները
Յազոնի ավարը և ցնորքները սին․
Մինչ փահտին հասցրած խելքը, որ շրջել է՝
Տափակ հողմացույց էր, ո՛չ ավելին։
Եվ հզոր բազուկը, որի արձագանքը
Չեն լսի Գայետը[213] և Չինը հին․
Մեծ երգիչ, որ ծածկած բոլոր պոետներին
Մինչ հանգը կրում էր բրոնզյա տախտակը։
Նա որ ետև թողեց ողջ Ամադիսներին՝
Եվ հսկան տեսավ լոկ թզուկի մեջ,
Եվ սիրույն ու կռվին ծառայելով միշտ գոհ,
Եվ լռության մատնեց Բելյանիսներին՝
Ռոսինանտին նստած թափահարում էր անվերջ,
Արդ հանգչում է այն պաղ շիրմաքարի ներքո։
- Սոնետ
Գցելով հայացքը նրա դեմքին պարարտ,
Վայելչակազմությանն ու պնդակազմ վզին՝
Կտեսնես Տոբոսյան Դուլսինեային,
Որին երազում էր վեհ դյուցազնը հպարտ։
Նրան, ում համար նա քաղցած ու միայնակ
Ոտքի տակ էր տալիս լանջը Սիերա Նեգրի[216]
Սեզերն ու հասկերը Մոնտելյան դաշտերի
Եվ Արանխուեսի[217] շուշանները ճերմակ։
Մեղավորը ձի՛ն է։ Ահե՛ղ ճակատագիր։
Գեղեցիկ լամանչի ասպետը միշտ անպարտ՝
Ծաղկուն սիրուհու հետ արդ քնած է հանդարտ։
Դուլսինեան կորցրեց գեղեցկությունն արդեն։
Ասպետը, որ թեև քուն է մտել հանգիստ,
Ձեզնից չխուսափեց, ո՛վ սեր, խաբկանք և քեն։
- Արգամասիլիացի ամենանրբաճաշակ
- ակադեմիկոսի կապրիչոսոն[218]
- ի դրվատումն Ռոսինանտի,
- դոն Կիխոտ Լամանչեցու նժույգի
- Արգամասիլիացի ամենանրբաճաշակ
- Սոնետ
Ներկած մարսյան գույնով՝ համակ արյամբ,
Ամբարտավանության ադամանդյա գահի՝
Գլխի վրա, ուժով, ահեղ լամանչեցին
Պարզեց իր դրոշը ― կատաղությամբ։
Վերցընում է զրահն ու սուրը հին․
Ահեղ է հատման մեջ․ միշտ ջարդելու հակմամբ։
Այս նոր քաջություն է։ Եվ, կամքին հակառակ,
Նոր ոճ է աղերսում Մուսան նոր հերոսին։
Եվ եթե Գաղղիայում՝ Ամադիսն է գովված,
Որին Հունաստանի հետնորդները խիզախ
Գովերգելով փառքը բարձրացըրին,
Ապա Կիխոտն այսօր Բելլոնի[219] մոտ կանգնած
Նրա հետ հաղթանա՛կ է վաստակել անվախ,
Քան Գալլը և Հույնը[220] միասին։
Նա կապրի, անմահություն բնավ չմուրալով,
Քազնի Ռոսինանտը վաղուց է իր ավյունով,
Նսեմացրել Բայարդին ու Բրիլյադորին։[221]
- Արգամասիլիացի ակադեմիկոսի
- Բուրլադորան[222]՝ Սանչո Պանսային
- Սոնետ
Ահա, Սանչո Պանսան։ Ոչ մեծ հասակ։
Արիությամբ բարձըր (հրաշք չէ՞ այն)։
Ոչ ոք չէր իմանում նրա նման
Համախոհին զգալ այնքան արագ։
Կարող էր կոմս դառնալ։
Պատրաստ էր ամեն բան,
Բայց նրա դեմ լցվեց նախանձով ու ոխով,
Դավեց աշխարհը ապիտատ ու դաժան,
Աշխարհ, որ էշին էլ կծվատի ողջ֊ողջ։
Էշին, որի վրա (ներեցե՛ք ինձ),
Շտապում էր սույն այս ռազմիկն անչար,
Ռոսինանտի և դոն Կիխոտի ետևից։
Օ՜, զուր հույսեր, դո՛ւք եք արագաբար
Ուզում եք շուտ անցնել առաջից մեր՝
Դառնալով զառանցանք, մշո՛ւշ, ստվեր․․․
- Արգամասիլիացի ակադեմիկոսի
- Կազիդյաբլոն՝[223] դոն Կիխոտի
- դամբարանին
- Տապանագիր
Ասպետն այստեղ հանգավ ի տեր,
Շատ ծեծված ու զուր թափառած․
Որ, Ռոսինանտ նժույգն հեծած,
Անցավ բազում ճանապարհներ։
Այս էլ Սանչոն է հիմարիկ,
Նրա կողքին լուռ ննջում արդ․
Որպես նրա կարգի մի մարդ՝
Հավերժորեն հավատարիմ։
- Արգամասիլիացի ակադեմիկոսի
- Տիկիտոկան՝[224] Դուլսինեա Տոբոսեցու
- դամբարանին
- Տապանագիր
Այստեղ հանգչում է Դուլսինեան,
Որի մարմնի կազմը հզոր,
Դաժան մահը, չխղճալով,
Փոշիացրեց առ հավիտյան։
Արյամբ ազնիվ, թեև ոչ հին,
Իր ժրությամբ հայտնի սակայն,
Գեղեցկությամբ իր գեղջկական
Դոն Կիխոտի այս սիրուհին։
Ահա և բոլոր ոտանավորները, որ մեզ հաջողվեց կարդալ։ Մնացածներում՝ որդերն այնպես էին կերել տառերը, որ հարկ եղավ դրանք տալ մի ակադեմիկոսի և խնդրել, որ մեկնաբանի դրանք կոնյուկտուրաների օգնությամբ։ Մեզ հայտնի է, որ երկար, անքուն գիշերների և համառ աշխատանքի գնով նրան հաջողվել է այդ, և նա մտադիր է լույս ընծայել՝ հույս տածելով դոն Կիխոտի երրորդ արշավին։
- Forse altri con miglior plettro[225]
- ↑ Սերվանտեսը «Դոն Կիխոտը» գրելու միտքը հղացել է բանտում եղած ժամանակ։
- ↑ Զոիլ ― հունական գրող մ․թ․ա․ IV-III դարերում․ իր սուր քննադատության պատճառով կոչվել է «Հոմերոսի պատուհաս» և «ճարտասանության շուն»։ Զևքսիս ― հունական նկարիչ V-IV մ․թ․ա․։ Մահվանից հետո Զևքսիսը ոչ մի աշխատանք չի թողել, այդ պատճառով էլ պարզ չէ, թե Սերվանտեսը սխալմա՞մբ է նրան դասում «հեղինակությունների» շարքում, թե՞ կատակով։
- ↑ Հովհաննես երեց ― Հնդկաստանի մարզերից մեկի քրիստոնեական հեքիաթային իշխան, որի մասին եղած առասպելը մեծ ժողովրդականություն է վայելել միջին դարերում։
- ↑ Ոչ մի գնով չպիտի ծախել ազատությունը ― ոտանավոր՝ Եզոպոսին վերագրվող առակների անանուն ժողովածուից։
- ↑ Դժգույն մահը միատեսակ է ծեծում ինչպես աղքատների խրճիթների, այնպես և արքաների պալատների դուռը։ ― Հորացիոս, Carm, գիրք I, ներբող 4֊րդ։
- ↑ Իսկ ես ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին։ ― Մատթ․ Ե, 44։
- ↑ Սրտից են բխում չար խորհուրդները։
- ↑ Քանի դեռ երջանիկ ես, շատ բարեկամներ ունես, բայց երբ գան ձախորդ օրեր, դու միայնակ կլինես ― երկտողանի ոտանավոր ոչ թե կեղծ Կատոնից, այլ Օվիդիոսից, Tristia, գիրք I, էլեգիա VIII։
- ↑ Գործող անձ հնադարյան դիցաբանությունից, Հերակlեսի եզների հափշտակողը։
- ↑ Անտոնիո դե Գևարա ― Մոնդոնյեդի եպիսկոպոս, Կառլոս V֊ի պատմագիրը, իր «Epistolas familiares» (հրատ․ 1603) գրվածքներում պատմում է հին ժամանակների կուրտիզանուհիների մասին։
- ↑ Լեոն Էբրիո (գրող XV-XVI դարերում) ― իսպանական հրեա, որ վերաբնակվել է Իտալիայում։ Այն ժամանակներում մեծ ժողովրդականություն ստացած «Դիալոգներ սիրո մասին» գրվածքի (1535) հեղինակ։
- ↑ Ավգուստինյան աբեղա Քրիստոբալ Ֆոնսեկայի «Del amor de Dios» քննախոսությունը, որը հրատարակվել է 1594 թվականին։
- ↑ Ըստ երևույթին դա բանավեճի մի ելույթ է, Լոպե դե Վեգայի դեմ, որն իր «El Isidro» պոեմին միացրել էր իր կողմից այդ աշխատության մեջ օգտագործված 277 հեղինակների ցանկը։
- ↑ Մոնտյել ― մի վայր Լամանչում։
- ↑ (լատիներեն) նշանակում է «ողջ եղիր», «մնաս բարով»։
- ↑ Կախարդուհի Ուրգանդա ― Ամադիս Գաղղիացու հովանավորը ՝ Ա․ Գաղղիացու անունը կրող ասպետական վեպի մեջ։ «Անորսալի» մակդիրը բացատրվում է նրա՝ իր արտաքին տեսքը հրաշքով փոխելու ընդունակությունը։
- ↑ Կաստիլիացի կոնետաբլ (բանակի գլխավոր հրամանատար)։ Խուան II թագավորի սիրեցյալը, որը հետագայում թագավորի աչքից ընկել և մահապատժի է ենթարկվել 1453 թվին։
- ↑ Ֆրանսիական թագավոր Ֆրանցիսկ I֊ը Պավիայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (1525 թ․) իսպանացիներից վիրավորվել և գերի է ընկել նրանց ձեռքը, որից հետո մի ամբողջ տարի գերության մեջ տանջվել է Մադրիդում։ Ոտանավորի վերջին չորս տողը Սալամանկայի աբեղա Դոմինգո դե Գուսմանի պարոդիական բանաստեղծության մի տան գրեթե բառացի կատակային վերարտադրությունն է։
- ↑ Ծագումով բերբեր, դաստիարակվել է Իսպանիայում և դարձեկ է XVI դարի հայտնի լատինագետ։
- ↑ Ասպետական համանուն վեպի հերոսը։ «Դոն Կիխոտի» տեքստում հաճախ են հիշատակվում այն փորձությունները, որոնց ենթարկել է իրեն այդ հերոսը Պենյա Պոբրեում։
- ↑ Հանրամատչելի ասպետական վեպերից մեկի հերոսը՝ «Ամադիս Գաղղիացուց» հետո։
- ↑ Ամադիս Գաղղիացու սիրուհին։
- ↑ Լոնդոնի մոտ գտնվող շքեղ դղյակ, որտեղ ապրել է Օրիանան։
- ↑ Ի հակադրություն Դուլսինեայի, Օրիանան չի պահպանել իր կուսությունը և հղիացել է Ամադիսից։
- ↑ Buzcorona ― կատակ՝ մեկը մյուսին իր ձեռքն էր մեկնում համբուրել տալու համար և հենց տեղն ու տեղը մի հարված էր հասցնում վզակոթին, սակայն հնարավոր է նաև, որ ուրիշ դեպքում ձեռքը համբուրողն էր իր խաղընկերոջ վզակոթին հասցնում։
- ↑ Ումն է այստեղ Սերվանտեսը պարոդիայի ենթարկում Դոնոսո անվան տակ, ստույգ հայտնի չէ։ «Խելացնոր ոճ» այստեղ ասված է «խճճված, խառնաշփոթ բովանդակության» իմաստով։
- ↑ Հայտնի չէ, թե ով է եղել Վիլյալդյեգոն, որի նվան կապակցությամբ էլ առաջ է եկել «հագնել Վիլյալդյեգոյի կոշիկները» առածը՝ որ նշանակում է «ծլկել»։ Վիլյալդյեգոն մի անգամ էլ հիշվում է վեպի բուն տեքստի մեջ (հտ․ 1, գլուխ 21, էջ 203)։
- ↑ Հռչակավոր պիես «Տրագիկոմեդիա Կալիստոյի և Մելիբեայի մասին» վերնագրով․ այլ կերպ կոչվում է «Սելեստինա» (կենտրոնական գործող անձի՝ կավատ Սելեստինայի անունով)։ Դա XV դարավերջի գրվածք է և վերագրվում է Ֆերնանդո դե Ռոխասին։ Աչքի է ընկնում իր հանդուգն ռեալիզմով, որի համար էլ Դոնոսոն այդ պիսեսն անվանում է չափազանց «մերկ» (այսինքն՝ անկեղծ)։
- ↑ Սիդի նժույգը։
- ↑ Ակնարկվում է հռչակավոր «Լասարիլյոն Տորմեսի ափերից» (հրատ․ 1554) արկածախնդրական վեպի մի միջադեպը, երբ Լասարիլյոն, ծառայելով կույր մարդուն՝ որպես ուղեկցող, ծղոտաձողիկով նրա ձեռքի մեջ եղած գավաթից ծծում էր գինին։ Այստեղ այդ սխրագործությունը գրոտեսկային ձևով վերագրվում է Ռոսինանտին, որը որկրամոլության իմաստով որպես թե կարող է գերազանցել, հենց իրեն՝ Լասարիլյոյին։
- ↑ Կատաղի Օռլանդո ― «Դոն Կիխոտի» մեջ հաճախ հիշատակվող Լոդովիկո Արիստոյի «Orlando Furioso» պոեմի (1516, վերջնական խմբագրությունը 1532֊ին) հերոսը։ Սիրահարված է եղել չքնաղ Անջելիկային, որի սիրուն էլ նա բազմաթիվ սխրագործություններ է կատարել։
- ↑ Իշխանուհի Կլարիդիանա ― Տրապիզոնի կայսեր և ամազոնուհիների թագուհու դուստրը՝ Ֆեբ ասպետի մասին գրված ասպետական վեպի հերոսուհին։
- ↑ Սոլիսդան ― անենայն հավանականությամբ գրաշրջություն է Լասսինդո անվան, որը Բրունեո դե Բոնամարի զինակիրն է՝ «Ամադիս Գաղղիացու» գործող անձերից մեկը։
- ↑ Իսպանական ազգային կերակուր՝ մի տեսակ տաք վինեգրետ։
- ↑ Սիգուենցայի համալսարանը (հիմնվել է 1472 թվին) Սերվանտեսի ժամանակ ամենից հետ ընկած համալասարաններից մեկն էր։
- ↑ Ռեալ ― մանր դրամ, պարունակում էր 4 իսկ հետագայում 8 կուարտո։
- ↑ Գոնելլս ― հերցոգ Բորսո Ֆերրարացու (XV դար) հռչակավոր ծաղրածուն․ բազմաթիվ մասսայականացած անեկդոտների հերոս, որոնք հետագայում ժողովվել են «Buffoneri del Connela» գրքում (Վենետիկ, 1568 թ․)։
- ↑ Սոսկ կաշին և ոսկորները։
- ↑ Չթարգմանվող բառախաղ․ Rosinantes բառը դոն Կիխոտը բաժանում է երկու բառերի՝ rocin ― յաբու և antes ― առաջ կամ առջևից։
- ↑ Գոյություն ուներ հեծյալ ասպետների երկու տեսակ հանդերձանք․ «թեթև հեծելասարք»՝ կարճ սանձափոկերով և ասպանդակներով, այնպես որ ձիավորի ոտքերը ծալված էին լինում, և «ծանր հեծելասարք» դանդանավանդի լայն այտիկներով ու երկար ասպանդակներով, որոնց մեջ ազատ ձգված էին լինում ձիավորի ոտքերը։ Դոն Կիխոտի խառն սպառազինությունը կոմիկական տպավորություն է թողնում բոլորի վրա։
- ↑ Բառախաղ է, բնագրում castellano նշանակում է և՛ «դղյակի տեր, դղյակի վերահսկիչ կաստելան», և՛ «կաստիլիացի»։
- ↑ Հատված իսպանական հին ռոմանսից։
- ↑ Գողերի և այլ տականքների այն ժամանակներում հռչակավոր դարձած ապաստարան։
- ↑ Պատասխանելով դոն Կիխոտին նույն տոնով՝ պանդոկապանը գործածում է արտահայտություններ նույն ռոմանսի շարունակությունից․ Իմ անկողինը կարծր քարն է, Եվ իմ քունը՝ գիշերային արթնություն։
- ↑ Իսպանիայի զանազան քաղաքներում եղած կասկածելի թաղամասերի, քեֆատեղերի և անառականոցների թվարկում։
- ↑ Սերվանտեսի ժամանակներում գյուղացիները հաճախ ման էին գալիս զինված՝ նիզակներով կամ թրերով։
- ↑ Որևէ մեկին հրապարակավ ստախոսության մեջ մեղադրելը անքաղաքավարություն էր համարվում ներկա եղողների նկատմամբ։
- ↑ Ալկաբրիա ― նոր Կաստիլիայի շրջաններից մեկը։ Էստրեմադուրան Իսպանիայի մի գավառն է՝ ընկած Կաստիլիայից հարավ֊արևմուտք։
- ↑ Գուադարամա ― լեռնաշղթա, որ Հին Կաստիլիան բաժանում է Նոր Կաստիլիայից։ Նրա գյուղերում պատրաստում էին այն ժամանակներում մեծ համբավ ձեռք բերած իլիկներ։
- ↑ Աբենսերաե՛ս ― արաբերեն Բենի֊Սիրաշ ― հին մավրիտանական տոհմ, որն աչքի ընկնող դեր է խաղացել Գրանադայի պատմության մեջ XV դարում։ Նրա հետ կապված ավանդույթներից մեկը Շատոբրիանի «Les aventures du dernier Abencerage» (հրատ․ 1826 թ․) վեպի համար թեմա է ծառայել։
- ↑ Փառքի ինն այրեր էին համարվում երեք հրեաներ՝ Հեսու Նավիացին, Դավիթը և Հուդա Մակաբայեցին․ երեք հեթանոսներ՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Հեկտորը, Հուլիոս Կեսարը և երեք քրիստոնյաներ՝ Արթուր թագավորը, Կառլոս Մեծը և Գոտֆրիդ Բուլոնացին։
- ↑ Ուրգանդա ― անթարգմանելի բառախաղ՝ urgada կնշանակե «Ժիր, գործունակ կին (մղորդ)։ Դոն Կիխոտի անկիրթ տնտեսուհին այսպես է աղավաղում կախարդուհի Ուրգանդայի անունը։
- ↑ Սովորաբար այդպես է բացատրվում «Las Sergas de Esplandian» վեպի վերնագիրը․ թեև գույություն ունի sergas բառի ուրիշ բացատրություն ևս, այսինքն՝ «հյուսած գորգեր, գոբելեններ»։ Այդ դեպքում վերնագիրը կունենա «Էսպլանդիանի մետաքսյա գորգեր» նշանակությունը (այսինքն՝ գորգեր, որոնց վրա հյուսված է Էսպլանդիանի սխրագործությունների նկարը։
- ↑ Արևելյան վաղեմի սովորություն՝ Սուրբ Գիրքն կամ որևէ հրովարտակի հարգանք արտահայտելու ձև։
- ↑ Նկատի է առնվում Խերո՛նիմո դե Ուրտեան՝ Արիոստոյի իսպաներենի վատ թարգմանության հեղինակը (1556)։
- ↑ Մի շարք զավեշտական այլաբանական անուններ։ Quirieleison նշանակում է «տեր ողորմեա», Placerdemavida՝ «իմ կյանքի սփոփանք», Reposoda՝ «հաճոյական, գոհացողական»։
- ↑ Ռոլանդ անվան իսպանական ձևը։
- ↑ Այն ժամանակներում ընդունված սովորական քնաբեր միջոց, որն ավելի թույլ էր ներգործում, քան գինին։
- ↑ Բնագրում բիսկայացին շարունակ աղավաղում է իսպանական լեզուն և աղճատում առածներ։ Հետևյալ բառակապակցության մեջ նա ուզում է ասել «տեսնե՛նք, թե կատուն ոնց պիտի լողա ջրի մեջ», այսինքն՝ «տեսնենք ինչպես պիտի իմ հախից գաս»։
- ↑ Արտահայտությունը («Ամադիս Գաղղիացի» վեպից) առած է դարձել։
- ↑ «Դոն Կիխոտի» առաջին հատորը Սերվանտեսը բաժանել է չորս՝ ոչ բոլորովին հավասար մասերի, I մաս՝ գլ․ 1-8, II մաս՝ գլ․ 9-14, III մաս՝ գլ․ 15-27 և IV մաս՝ գլ․ 28-52։
- ↑ Էնխելի արաբական ածական է, որ համապատասխանում է իսպաներեն սերվալ կամ սերվանտեո բառերին, որոնց արմատն է՝ սերվո, այսինքն եղջերու։ Սերվանտեսն այդպիսով թաքցրել է իր անունը արաբերեն համանուն միջոցով։
- ↑ Արոբա ― հավասար է 12 ½ կիլոգրամի, ֆանեգան՝ 55 ½ լիտրի։
- ↑ Panza ― նշանակում է «փոր», Zanca` «երկար ոտք կամ թաթ (հատկապես թռչնի)։
- ↑ Santa Hermandat ― (բառացի՝ «սուրբ եղբայրություն»), այդպես էր կոչվում պահնորդական այն հատուկ կորպուսը, որը հիմնված էր Հյուսիսային Իսպանիայում XV դարում՝ գլխավորպես անկարգություններ անող ֆեոդալների, իսկ այնուհետև ավազակների և հանցագործենրտի դեմ պայքարելու համար։
- ↑ Ակնարկում է Աստվածաշնչի մի դարձվածքը․ «Ահա ես կհանձնեմ այս քաղաքը քաղղեացիներին և բաբելացոց արքային» (Երեմիա, ԼԲ)։
- ↑ Հեղուկների մի չափ, որը երկու լիտրից մի քիչ ավելի է։
- ↑ Երդման ավանդական մի ձև, գործ էր ածվում այն դեպքում, երբ ձեռքի տակ ավետարան չէր լինում։
- ↑ Ռաբելե ― լյուտնյայի տիպի երաժշտական գործիք, ինչ֊որ եռալար, պրիմիտիվ ջութակի նման։
- ↑ Սառնա ― անթարգմանելի բառախաղ․ սառնա նշանակում է քոս։
- ↑ Արիոստո, «Կատաղի Ռոլանդ», երգ XXIV, 57։
- ↑ Հանաքով տրված անուն ոչ ազնվատոհմ ծագում ունեցող, Ամերիկայում հարստացած մարդկանց։ Այդ մականունը մի քիչ փոխված ձևով (գապուչիններ) մինչև այժմ էլ գործ է ածվում Հարավային Ամերիկայում այն իսպանացիների նկատմամբ, որոնք այնտեղ են մեկնում հարստանալու նպատակով։
- ↑ Աստվածային մանտուանցին ― Վերգիլիոս (ծագումով Մանտուա նահանգից), ըստ ավանդության՝ կտակել է, որ այրեն իր «Էնեականի» ձեռագիրը։
- ↑ Ակնարկում է այն ժողովրդական հավատալիքը, ըստ որի սպանվածի վերքերը բացվում են, երբ սպանողը մոտենում է։
- ↑ Այդ քայլը, որ ըստ ավանդության կատարել է հռոմեական Սերվիուս Սուլլիուս թագավորի աղջիկը, Սերվանտեսի ժամանակներում սխալմամբ վերագրվել է Տարկվինիոս թագավորի աղջկան։
- ↑ Կորդովայում եղել է հայտնի ձիաբուծարան, որը սկզբում պատկանելիս է եղել հերցոգ Ալբային, իսկ հետո դարձել է պետական։
- ↑ Սեդովիա պրովինցիայի Յագուաս գյուղի բնակիչները։
- ↑ Մարսը։
- ↑ Քաթանի նուրբ տեսակ։
- ↑ Սիդի երկու թրերից մեկի անունը, որը Սանչոյի կողմից ընդունվում է որպես հասարակ անուն։
- ↑ Ակնարկում է Բաքոս (Դիոնիսիոս) աստծո դաստիարակ Միլենի՝ «յոթնադարպաս» (Եգիպտոսում)։ Beltenbros բառացի նշանակում է «Մռայլ գեղեցիկ տղամարդ»։
- ↑ Pena Pobre ― բառացի՝ «Աղքատ ժայռ» (փաստորեն դա մի փոքրիկ ժայռոտ կղզի է)։ Ինչպես այստեղ պարզվում է, այդ անունը ցույց է տալիս, որ հիշած կղզում կարելի է ապրել միայն ծայրահեղ «աղքատության» մեջ գտնվելու դեպքում, (այսինքն՝ տանջանքի, կործանման մեջ)։
- ↑ Աստուրիայի հիմնական բնակչությունը, որ խուսափել էր արաբական նվաճումից, շատ էր գոռոզանում իր ազնվացեղ և զտարյուն լինելուց։
- ↑ Արե՛վալո ― հին Կաստիլիայի մի փոքրիկ քաղաք, ընկած է Վալյադոլիդի և Ավիլայի միջև։
- ↑ Ակնարկ այն մասին, որ ջորեպանների մեջ եղել են բազմաթիվ մորիսկներ (մավրիտանացիներ)։
- ↑ Տոլեդոյի հին Սանտա Հերմանդադն այդպես էր կոչվում ի տարբերություն «նորի», որը հիմնվել է XV դարեվերջին։
- ↑ Կարճ, կոպիտ տաշած նիզակ, որպիսին սովորաբար օգտագործում էին դաշտերի պահապանները։
- ↑ Տապրոբանայի փոխարեն (Ցեյլոն կղզու հին անունը)։
- ↑ Գարամանտներ ― հեքիաթային ժողովուրդ, հին հեղինակների վկայությամբ՝ ապրել է Աֆրկայի խորքերում։
- ↑ Պուենտե դե Պլատա ― «Արծաթե կամուրջ»։ «Ամադիս» և «Էսպլանդիան» ասպետական վեպերում հանդիպող այս անունը կոմիկական գույն է ստացել «փախչող թշնամուն արծաթե կամուրջ» առածի մեջ, այսինքն՝ փախչող թշնամու համար արծաթե կամուրջն էլ չպետք է ափսոսալ։
- ↑ Վերին Գվադիանայի ջրերն իրենց հոսանքի ընթացքում մի քանի անգամ ծածկվում են հողի տակ և հետո նորից երևան են գալիս։
- ↑ Դիոսկորիդ ― հունական բժիշկ, մեր թվականության I դարում, դեղաբույսերին բերաբերող «De materia medica» քննախոսության (լատիներեն) հեղինակ։ Քննախոսությունը մեկնություններով դոկտոր Անդրեսոն դե Լագունան թարգմանել է իսպաներեն։ Թարգմանությունը XVI֊XVII դարերում լույս է տեսել մի քանի հրատարակությամբ։
- ↑ Առջևից գնում էին սպիտակազգեստ հոգևորականները, իսկ հետևից՝ հանգուցյալի ազգականներն ու բարեկամները, որոնք սև էին հագել։
- ↑ «Բացի դրանից՝ եթե մեկը սատանայի սադրանքով և այլն»՝ Տրիդենտյան եկեղեցական ժողովի որոշումներից մեկի տեքստն է։
- ↑ Այստեղ Սերվանտեսը ինչ֊որ անհարթություն է երևան բերում, բակալավրն արդեն մեկնել էր նախքան դոն Կիխոտի և Սանչոյի վերջին բառարկությունը։
- ↑ Ըստ Պտղոմեոսի, Լուսնի լեռները գտնվում են եթովպացիների երկրում, այդ լեռներից են սկիզբ առնում Նեղոսի փոթորկալի ակունքները։
- ↑ Բավականին տարածված նախապատում, որով հեքիաթասածները սկսում էին իրենց հեքիաթները։
- ↑ Ըստ թուրքական սովորության։
- ↑ Բնագրում «այս Մարտինոյին» (Մամբրինի աղավաղված անունն է)։
- ↑ «Քղամիդների փոխանակություն» ― հռոմեական եկեղեցու զատկական հանդիսավոր արարողություն, երբ կարդինալներն ու պրելատները իրար հետ փոխանակում էին իրենց զգեստները։
- ↑ Հին իսպանացիների օրենքների համաձայն (օրենքներ որոնք սկիզբ են առնում դեռևս գոթական թագավորների դարաշրջանից՝ VI-VIII դարերում) մեծազարմ ծագում ունեցող մարդը իրեն պատճառած ծանր վիրավորանքի համար կարող էլ պահանջել 500 սուելդո։
- ↑ Այստեղ և շարունակության մեջ թարգմանության չենթարկվող բառախաղ է, grande նշանակում է և՛ «գրանդ», և՛ «բարձր, բարձրահասակ», դրան հակադրվում է pequeno ― փոքրիկ, ցածլիկ։
- ↑ Գողերի խոսվածքից վերցրած բառ։
- ↑ Հին Իսպանիայի արտոնյալ դասակարգերի կյանքի մեջ աչքի ընկնող դեր են խաղացել սիրային գործերի միջնորդները, որովհետև ընտանեկան կյանքի նահապետական բարքերը բացառում էին ամեն մի բացահայտ շփում տարբեր սեռերի երիտասարդության միջև։ Այդ «միջնորդների» մասին հենց նույնպիսի դրական գնահատական են տվել, ինչպես և նրանց հասարակական դերի վերաբերյալ համանման խորհրդածություններ են արտահայտել Խ․ դե Վերա֊Ի֊Ֆիգերոան («Ներբող կավատներին» գրքում՝ գրված XVI դարի վերջին, Լոպե դե Վեգան («Բարեկամ մինչ ի մահ» կոմեդիայում) և ուրիշները։
- ↑ Մի քանի մեկնաբաններ ցանկացել են տեսնել այստեղ ակնարկ ինչ֊որ ճանապարհային միջադեպի մասին, որ տեղի է ունեցել տաժանակիրների և կոմիսարի միջև, սակայն ավելի ճիշտ է, որ դա պարզապես մի առած է այն իմաստով, որ յուրաքանչյուր վիրավորանքի սպասում է հատուցում (սպասիր, հախիցդ կգան)։
- ↑ Հայտարարում, որ դու ստում ես ― երդման ավանդական ձև։
- ↑ Այստեղ Սերվանտեսը թույլ է տալիս անհետևողականություն, նա կարծես թե մոռացել է, որ որ Սանչոյի էշը գողացել է Խինեսը։ Այս սխալը կրկնվում է քիչ ստորև՝ նույն գլխում, նաև XXV և XXVII գլխում։
- ↑ Sierra ― նշանակում է «ատամնավոր գագաթներով լեռնաշղթա»։
- ↑ Գիսոպետ ― Իսոպետ կանոնավոր ձևի փոխարեն։ Իպոսետը առակագիր Եզոպոսի անվան փորքրացուցիչ ձևն է։ Այդ անունն է կրել միջին դարերում ամբողջ Եվրոպայում մեծ ժողովրդականություն ունեցող առակների ժողովածուն։
- ↑ Անդրիակ ― հրեշ, կես֊մարդ, կես֊գազան՝ ծնված հսկա Բանդագունդոյի և նրա հարազատ աղջկա կենակցությունից («Ամադիս Գաղղիացի» գլ․ 73)։
- ↑ Այն ժամանակներում մոդա դարձած փոխաբերություն։ Հմմտ․ դոն Բելյանիսի սոնետի 10-11 տողերը նախաբանում։
- ↑ Էպիզոդ «Կատաղած Ռոլանդի» XXIII-XXIV երգերից, որ մասնակիորեն թարգմանել է Պուշկինը։ (Փայլում է ջուրը ասպետի առջև, 1825 թ․)։
- ↑ Նապեաներ ― հովիտների և մարգագետինների հավերժահարսեր, դրիադներ ― անտառային հավերժահարսեր։
- ↑ Ակնարկում է «Կատաղած Ռոլանդի» միջադեպերի մասին, երգ IV և հաջորդը։ Հիպոգրիֆ ― հեքիաթային կենդանի, կիսով չափ ձի, կիսով չափ գրիֆ (վերջինս էլ հեքիաթային թռչուն է)։
- ↑ Սանչոն redemptio («փրկություն» տեղ ասում է retentio («կալանավորում»). լատիներեն լրիվ նախադասությունն է՝ In inferno nulla est redemptio («դժոխքից փրկություն չկա»)։
- ↑ Նկատի ունի ժողովրդական խաղը՝ երկաթե ձողեր նետելը (barra ― ձող), խաղը տանում է նա, ով ավելի հեռու է նետում, ընդ որում՝ անհրաժեշտ է, որ ձողը տափակ կողմով ընկնի։
- ↑ Բնագրում անթարգմանելի բառախաղ է, Դուլսինեայի մասին ասված է, որ նա իսկական «cortesana» է, ընդ որում՝ cortesana նշանակում է և՛ «մայրաքաղաքի (նուրբ) տիկին, և՛ «կուրտիզանուհի»։
- ↑ Ուխտի կազմակերպության մեջ մտնողներից պահանջվում էր վկայական առ այն, որ նրա տոհմն ազատ է հրեական կամ մավրիտանական արյան խառնուրդից։
- ↑ Դոն Կիխոտն էլ Սանչոյի նման աղավաղում է առածը։
- ↑ Երկու տող կորցրած ոտանավորից, որտեղ, ըստ երևույթին, ակնարկ է եղել Ֆայետոնի կամ Իկարի պատմության մասին։
- ↑ Գոթական թագավոր, որ կառավարել է Իսպանիան 672֊ից մինչև 680 թվականը։ «Վամբա թագավորի ժամանակներում» ասելով հասկացվում է այն առածը, որի իմաստն է «Նոյի տարին»։
- ↑ Հռչակավոր պատմական և առասպելական դավաճանների կամ փառամոլների թվարկում։ Գանելոնը Ռոլանդի խորթ հայրն է․ նա խոսքը մեկ է արել մավրերի հետ, թե ինչպես սպանի նրան։ Վելլիդո Դոլֆոսը Սամորան պաշտպանելու ժամանակ (1072) դավաճանաբար սպանել է Սանչո II թագավորին (Սիդի հովանավորին)։ Կոմս Հուլիանոսը (Ռոդրիգո թագավորի պղծած աղջկա՝ Կավայի հայրը) ըստ ավանդության թագավորից վրեժ առնելու համար մավրերին կանչել է Իսպանիա (VIII դարի սկզբում տեղի ունեցած այս դեպքը ընդարձակ չափով մշակված է իսպանական էպոսում)։
- ↑ Ինչպես ենթադրում են մեկնաբանները, այստեղ նկատի է առնվում հերցոգ դե Օսունան, որի ընտանիքում 1581-1582 թթ․ իսկապես որ տեղի են ունեցել պատմվող նովելլային հար և նման դեպքեր։ Օսունա քաղաքը գտնվում է Սևիլյայից 85 կիլոմետր դեպի արևելք։
- ↑ Հիդալգո ― յուրաքանչյուր ազնվական՝ անկախ նրա հասարակական դիրքից, կաբալյերո ― ազնվական, որն աչքի ընկնող դիրք ունի։
- ↑ Այսինքն՝ «կդարձնեմ սպիտակ ու դեղին դրամներ»։
- ↑ Սուլեմի բլուր (այսինքն՝ Սողոմոնի), ընկած է Ալկալա դե Էնարես (Սերվանտեսի հայրենիք) փոքրիկ քաղաքից հարավ֊արևմուտք․ նույնացվում է Կոմպլուտի հետ, որը հիշատակվում է Պտղոմեոսի մոտ։
- ↑ Մեոտիկական լիճ ― Ազովի ծով։ «Մեոտիկական» ― meon բառից՝ երեխա, որը միզում է։
- ↑ Պեսո ― արծաթի մի ունցիան։
- ↑ Երդման բանաձև, որը գործ է ածվում միայն ավետարանի նկատմամբ։ Երդման թախծալի կոմիզմը մատնանշվում է նրանով, որ դոն Կիխոտը դրանից առաջ զրկվել էր սրից։
- ↑ Azote նշանակում է «պատուհաս», jigote՝ «ծեծած միս»։
- ↑ Այստեղ Սերվանտեսը նորից հակասում է ինքն իրեն․ XXV գլխում ցույց է տրված, որ Սանչոն լավ էր ճանաչում Դուլսինեային։
- ↑ Սորուն մարմինների չափ (մոտավորապես 52 լիտր)։
- ↑ Իրար հետ հասակ չափելը տարածված զվարճություն֊զբաղմունք էր ասպետական հասարակության մեջ։ Այստեղ տրվում է, որպես պարոդիայի մի գիծ։
- ↑ Առած է՝ այն իմաստով, որ «տոնից հետո էլ նվերը վատ բան չէ»։ Նվերները (ինչպես և կաշառքը) հաճախ բերում էին թևքերի մեջ, որոնք այն ժամանակ չափազանց լայն էին արվում և մասամբ փոխարինում էին գրպաններին։
- ↑ Ձիու առևտրով զբաղվող գնչուները ձիու ականջների մեջ սնդիկ էին ածում, որ նրանք ավելի արագ վազեն։
- ↑ Սանչոն, ինչպես այդ հաճախ է պատահում իր հետ, աղավաղում է առածը, որի վերջին մասն այսպես է ասում․ «Եթե իր համար վատ է, թող իրենից գանգատավոր լինի։
- ↑ Կուսակրոն հոգևորականների միաբանություն (օրդեն), որի անդամները հռչակվել էին իրենց խստաբարո կյանքով։
- ↑ Իմաստուն ― Սողոմոն իմաստուն։ Մեջբերում նրա առակներից։
- ↑ Ընդհուպ մինչև զոհասեղանները, այսինքն՝ քանի դեռ չի շոշափվում որևէ սրբություն։ Պլուտարքոսի կողմից Պերիկլեսին (որի մի բարեկամը թախանձագին խնդրել է նրան կեղծ ցուցմունք տալ երդմամբ) վերագրվող այս արտահայտությունն ըստ երևույթին Սերվանտեսը վերցրել է կողմնակի աղբյուրից։
- ↑ Նեապոլիտանյան պոետ Լուիջի Տանսիլլոն գրել է․ «Le lagrime di san Pietro» պոեմը «Պետրոս առաքյալի զղջալը Քրիստոսին ուրանալուց հետո» թեմայով։ Սերվանտեսի բարեկամ պոետ Լուիս Գալվես դե Մոնտալվոն 1657 թվին հիշված պոեմը թարգմանել է իսպաներեն։
- ↑ Նկատի ունի «Կատաղած Ռոլանդից» մի միջադեպ (երգ XLII)։ Բոլոր ցանկացողներին առաջարկում էին խմել սքանչելի հատկություն ունեցող մի գավաթից․ եթե խմողն անհավատարիմ կին ունի, ապա խմիչքը, չընկնելով նրա բերանը, թափվում է նրա կրծքի վրա։ «Մեր պոետի» ― որովհետև Արիոստոյին վկայակոչող Լոտարիոն ինքը իտալացի է։
- ↑ Անհայտ հեղինակի բանաստեղծություն, որի մեջ ակնարկվում է Դանայիսի առասպելը, որպես թե սիրահարված Զևսը ոսկե անձրևի տեսքով է մտել Դանայիսի արգելարանը։
- ↑ Թախտի վրա ― Estrado ― տախտակամած սենյակի մեջ (մոտավորապես մեկ ոտնաչափ բարձրությամբ), որը ծածկված էր լինում գորգերով, վերջիններիս վրա դարսվում էին բարձեր, որպեսզի կարելի լիներ այնտեղ հարմար նստել կամ պառկել (ավելի ուշ ժամանակի «բուդուարի» նախատիպը։
- ↑ Չորս Տ֊ը ― zelador (նախանձախնդիրը) ― Տ֊ով սկսվող չորս բառ (sabio, solo, solicito, secreto ― խելոք, ամուրի, անձնվեր, գաղտնապահ)։ Այնուհետև թվարկում է սիրահարի հատկությունները, որոնցից յուրաքանչյուրի անունը սկսվում է նույն տառով՝ այբենական կարգով (ս֊ով առանձին բառ չկա, որովհետև այդ տառն ունեցել է նույն գծագիրը, ինչ որ և v֊ն)։ X տառը կոչված է կոշտ, որովհետև Սերվանտեսի ժամանակներում այդ տառով նշվող հնչյունը արտասանվել է հայոց «շ»֊ի նման նման․ այդտեղ բերվող այբուբենի մեջ Y սկսվող բառ չկա, որովհետև դրանով նշվող հնչյունը, որի զորությամբ էլ այդ երկու տառերը գործածության մեջ սովորաբար համընկել են իրար։ Նմանօրինակ «սիրային այբբենարաններ» այդ դարաշրջանում շատ տարածված են եղել Իսպանիայում։
- ↑ Նկատի է առնվում Բրուտոսի (Կեսարի հակառակորդի) կինը՝ բարոյական կայունության և անարատության նմուշ։
- ↑ Ցլամարտից վերցրած արտահայտություն։
- ↑ Կուարտիլյո ― ամենից մանր դրամ (⅛ ռեալ) «գրոշ»։
- ↑ Այստեղ Սերվանտեսը անախրոնիզմի մեջ է ընկնում։ Մեծ կապիտանը մեռել է 1515 թվին, մինչդեռ մարշալ դե Լոտրեկը Իտալիայում ֆրանսիական բանակի հրամանտարություն է ընդունել միայն 1527 թվին։
- ↑ Ծածկված սև դիմակներով ― XVI դարում ազնվատոհմ իսպանացիք հաճախ ճանապարհորդում էին թեթև կտորից պատրաստած դիմակներով, որպեսզի պահպանեն իրենց երեսը ճանապարհի փոշուց և կեղտից։
- ↑ Եթե միայն դու հպարտանում ես նրանով ― այսինքն՝ «իրենց ազնվությամբ և ազնվատոհմ լինելով»։
- ↑ Մանտիայի նման երկար զգեստ, արաբական նախշերով ասեղնագործած մետաքսե հաշիայով և արծաթե կամ ոսկե մեծ ճարմանդով՝ կրծքի վրա։ Հագնում էին ազնվատոհմ մավրուհիները (ավելի սակավ՝ մավրերը) սովորաբար գարնանը։
- ↑ Այստեղ և այսուհետև բնագրում գործ է ածվում letras բառը, որ մոտավորապես նշանակում է բանասիրական, հումանիտար գիտություններ (նեռարյալ և իրավագիտությունը)։ Այսպիսով, letras֊ով կարող էին զբաղվել գրականագետները, լեզվաբանները, իրավաբանները, քաղաքացիական չինովնիկները և այլք, որի շնորհիվ էլ, նայած բնագրին, այդ արտահայտությունը մենք թարգմանում ենք տարբեր առումներով։
- ↑ Սովորություն, որի համաձայն վանքերում որոշ ժամին մուրացկաններին բաց էին թողնում սպասի մնացորդ և հացի կրծոններ։
- ↑ Դոկտորական աստիճանի նշան էր, հատուկ ձևի մի գլխարկ՝ ծոպով։
- ↑ Նիդերլանդիայի անկախության համար իսպանական տիրապետության դեմ մարտնչող Էգմոնտ և Հոռն կոմսերը մահապատժի են ենթարկվել 1568 թվի հունիսի 5֊ին։
- ↑ Այդ նույն կապիտանի հրամանատարության տակ է ծառայել Սերվանտեսը, երբ վիրավորվել է Լեպանտոյի մոտ մղված ճակատամարտում (1571 թ․ հոկտեմբերի 7֊ին)։
- ↑ Ինքնակենսագրական երկտող։
- ↑ Երեք լապտեր նավի հետևի կողմում, ծառայում էին որպես ծովակալի նավի տարբերիչ նշան։
- ↑ Սերվանտեսն էլ մասնակցել է այդ արշավանքին, ինչպես և հաջորդ՝ 1572 թվի արշավանքին։
- ↑ Լևանտացիներ ― թուրքական բանակի ծովայիններ․ ենիչարիներ ― ցամաքային զորքեր։
- ↑ La presa ― «Ավար»։
- ↑ Բարբարոխա ― Barbaroja ― «Շեկ մորուք»։
- ↑ Loba ― «էգ գայլ»։
- ↑ Սերվանտեսն իր գերությունից վերադառնալուց հետո մասնակցել է Տերսեյրա կղզին պորտուգալացիներից վերցնելուն։
- ↑ Ֆրատինո ― իտալական ինժեներ Ջա՛կոմո Գալեացցո, որին Ֆրատինո (կուսակրոն) անունն են տվել, ծառայել է Կառլոս V֊ին և Փիլիպոս II֊ին։
- ↑ Բանյո ― արաբական բառ, որ նշանակում է «բանտ֊պատժավայր» (այստեղից էլ ֆրանսերեն bagne ― «տաժանակիր աշխատանքի վայր»։
- ↑ Ալմասեն ― արաբական բառ, որ նշանակում է «պահեստ, խանութ»։
- ↑ Լա Պատա կամ Լա Բատա ― բերդ՝ ընկնում է Օրանից երկու մղոն հեռավորության վրա։
- ↑ Զալա՛ ― արաբերեն նշանակում է «աղոթք»։
- ↑ Բոլորովին նույնպիսի մի ծրագիր փորձել է իրականացնել Սերվանտեսը 1572 թվին՝ մավրերի մոտ գերի եղած ժամանակ, բայց անհաջող։ Նրա եղբայր Ռոդրիգոն, փրկանքով ազատվելով, պետք է նեղանավակով (ֆելյուգա) վերադառնար իր ընկերների մոտ։
- ↑ Ակնարկ է Սերվանտեսի փախստյան անհաջող փորձի պատմության։
- ↑ Տագարիններ (արաբերեն տեգրի բառից, նշանակում է «սահմանապահ») կոչվում էին այն մավրերը, որոնք 1492 թվից հետո մնացել էին Իսպանիայում և խառնվել տեղական ազգաբնակչության հետ։ Ստորև, (հաջորդ գլխի սկզբում) Սերվանտեսը նվազ ստույգ է տալիս այդ տերմինի բացատրությունը։
- ↑ Այդպես էին կոչում հրամանատարին թուրքական նավատորմի, որի կազմի մեջ էր Սերվանտեսին գերի բռնած ծովահենը։
- ↑ Դուբլոն ― հինավուրց ոսկեդրամ, որը զանազան ժամանակներում ունեցել է տարբեր արժեք։
- ↑ Սոլտանի՝ (բառացի «սուլթանական դրամ»), հավասար էր մոտավորապես 6 ռեալի։
- ↑ Բագարիններ ― կամովին վարձված թիավարներ մավրերի մոտ։
- ↑ Արրաես (արաբերեն արրաիս, «հրամանատար» ― մավրիտանական նավի կապիտան։
- ↑ Նիզարանի ― նազովրեցի։
- ↑ Իապանական հինավուրց ավանդության համաձայն՝ կոմս Հուլիանոսը (ապրել է VIII դարի սկզբում) Իսպանիա է կանչել մավրերին, որպեսզի վրեժ առնի Ռոդրիգո թագավորից, որը պղծել է նրա աղջկան՝ Կավային (մի այլ վարկածով՝ Ֆլորինդային)։ Սակայն այս պատմազրույցը ընդհանուր ոչ մի բան չունի այստեղ հիշատակվող տեղի հետ (ներկայումս Ալբատել հրվանդան), որը արաբերեն կոչվել է Կո՛բոր ոումիա, այսինքն՝ «Հռոմեական դամբարան»՝ երկու հնադարյան տաճարների պատճառով, որոնց ավերակները մինչև այսօր էլ կարելի է տեսնել։ Նկատի առնելով Կո՛բոր (կամ Կովոր) բառի նմանությանը Կավա անվան հետ, ինչպես և այն հանգամանքը, որ նախապես «հռոմեական» նշանակող ռումի՝ բառը այնուհետև ստացել է «Եվրոպական» (այլ կերպ ասած՝ «քրիստոնեական») բառի ընդհանուր իմաստը, ապա XVI դարի իսպանացիները այդ անվան և իրենց ազգային առասպելի միջև սխալմամբ կապ են տեսել։
- ↑ Կլոր նավ ― այսինքն՝ նավ, քառանկյունի, և ոչ թե եռանկյունի առագաստներով։
- ↑ Վե՛լես Մա՛լագա ― փոքրիկ քաղաք՝ գտնվում է Մալագայից 18 մղոն դեպի արևելք։
- ↑ Աուդիտոր ― դատավորի վաղեմի կոչումը (անունը)։
- ↑ Աուդիտոր իսպաներեն ասվում է oidor, բառացի՝ «ուշադրությամբ լսող»։
- ↑ Այսինքն՝ «նրա մկրտության ժամանակ»։
- ↑ Այն իմաստով, որ նրանցից օրիորդ էր միայն մեկը՝ տանտիրոջ աղջիկը։
- ↑ Եռադեմ լուսատու ― Լուսինը, որին հները հաճախ անվանում էին «եռադեմ» աստվածուհի, որը միացնում էր իր մեջ երեք առասպելական ասպեկտ՝ Լուսին, Դիանա և Հեկատա։
- ↑ Սիրահարված ու խանդոտ ― ակնարկում է Ապոլլոնի մասին եղած առասպելը, Ապոլլոնի, որը իր սիրով հալածել է հավերժահարս Դաֆնային։
- ↑ Իսկ թագը՝ ձեռին, ― ակնարկ է այն մասին, որ հանցագործների ձեռքին թագի ձև ունեցող խարան էին դնում։
- ↑ Ակնարկ «Կատաղի Ռոլանդի» մի միջադեպի մասին, երգ XXVII։
- ↑ Այսինքն՝ սատանան։
- ↑ Թագուհու խցանե հողաթափ (chapin de la reine) ― հատուկ հարկ թագավորի պսակադրության առթիվ, այդպես է կոչվել, որովհետև այն ժամանակները Իսպանիայում ամուսնացած կանայք էին հագնում հողաթափեր՝ խցանե ծայրով (chapin)։
- ↑ Այս գլխի վերնագիրն ավելի շատ վերաբերում է նախընթաց գլխին, որտեղ նկարագրվել է դոն Կիխոտի և հրացանաձիգների տուրուդմբոցը․ ընդհակառակը՝ սրան էլ համապատասխան կլիներ հաջորդ գլխի վերնագիրը։ Հնարավոր է, որ վերնագրի այս շփոթությունն առաջացել է տպարանում, որտեղ տպվել է «Դոն Կիխոտի» առաջին հրատարակությունը։
- ↑ Օկտավիանոս ― այսինքն՝ Օգոստոս Օկտավիանոսի ժամանակների։
- ↑ Ինչպես դա եղել է սկզբում։
- ↑ Երբ արեգակը (Ապոլլոնը, որ հետապնդում է Դաֆնա հավերժահարսին) երկու անգամ շրջան քաշի երկնքում, անցնելով կենդանակերպի նշանները, այսինքն՝ երկու ժամից հետո։
- ↑ Mentironiana ― ազատ թարգմանությամբ «ստախոս» (mentira ―ստախոսություն)։
- ↑ Աստվածաբան Գասպար Կարդիլյո դե Վիլյալպանդոյի «Summa summularum» (կրճատ կոչվում է «Summulas») աշխատությունը (հրատ․ 1557), որն այն ժամանակ տրամախոսության ամենատարածված ձեռնարկն էր։
- ↑ Միլեթի հունական հեքիաթների մասին, որոնք ծագել կամ հատկապես տարածվել են Միլեթ քաղաքում։ Այդ հեքիաթները մինչև մեր օրերը չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նրանք աչքի են ընկել արկածախնդրական տարրերի՝ ինչպես և գռեհիկ ու հաճախ անվայել երգիծանքի առատությամբ։ Ապոլոգներ (առակներ) այսինքն՝ բարոյախոսական բնույթի այլաբանական պատմվածքներ, որոնք մեծ մասամբ արևելյան ծագում ունեն և շատ տարածված են եղել միջին դարերում։
- ↑ Պտողոմեոս ― հունական աշխարհագետ մեր թվականության II դարում։ Մարկո Պոլո ― իտալացի ճանապարհորդ, շրջագայել է ամբողջ Ասիան, ներառյալ և Ճապոնիան։
- ↑ Ըստ երևույթին նկատի են առնվում Հոմերոսն ու Վերգիլիոսը։
- ↑ Ենթադրվում է՝ գիշերները երկար նստել մոմի տակ։
- ↑ Ակնարկվում է հետևյալ առածը․ «Մեզ մոտ անկյունում դերձակը ձրի էր կարում և դեռ իր թելերն էլ վրան էր դնում»։
- ↑ «Իզաբելլա», «Ֆիլիդա» և «Ալեքսանդրա»՝ Արխենսոլայի գրվածքներն են (մահացել է 1613 թվին)։ «Պատժված քարասրտություն» պիես՝ Լոպե դե Վեգայի, «Նումանսիա»֊ն հենց իր՝ Սերվանտեսի ողբերգությունն է, «Սիրահարված վաճառականը» Ագիլարի դրաման (մահացել է 1623 թվին), «Բարեհաճ թշնամին»՝ Տարրեգիի (մահացել է 1602 թվին)։ Անհատական վշտով լցված այս ամբողջ պասսաժը հին (դասական) թատերագրական համակարգի ջատագովությունն է, համակարգ, որին հարել է ինքը Սերվանտեսը և որն ասպարեզից հեռացել է Լոպե դե Վեգայի շատ ավելի հանրամատչելի դարձած դրամատուրգիան։ Ընդսմին՝ հետաքրքրական է, թե Սերվանտեսը հենց Լոպե դե Վեգայի մի դրաման ինչպիսի անաչառությամբ ու խոհեմությամբ է մտցնում իր տեսակետով «օրինակելի» համարվող պիեսների շարքը։
Այստեղ և շարունակության մեջ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «կոմեդիա» բառը Իսպանիայում ցույց էր տալիս դրամատիկական ստեղծագործության բոլոր տեսակները (այսինքն և՛ դրաման, և՛ տրագեդիան)։ - ↑ Տուլիոսի ― այսինքն՝ Մարկոս Տուլիոս Ցիցերոնին։
- ↑ Նկատի է առնվում «ժամանակի միության» կլասիկ կանոնը, որի համաձայն պիեսում նկարագրվող դեպքերը պետք է կատարվեն ոչ ավելի, քան մի օրվա ընթացքում։
- ↑ Ավստրալիան այն ժամանակներում դեռևս չէր հայտնագործվել։
- ↑ Ակնարկվում է Լոպե դե Վեգան։
- ↑ Լուգիտանիա ― Պորտուգալիայի հին անունն է։ Այնուհետև թվարկում է Իսպանիայի լիովին պատմական ազգային հերոսներին (միացնելով դրանք երեք հնադարյան հերոսների), որին դոն Կիխոտը ստորև գրեթե ամեն քայլափոխում հակադրում է միջնադարյան առասպելների հերոսներին։
- ↑ Դե, ժխտեցեք նաև այն ― նրանց ժխտողը զուրկ է բանականությունից և առողջ դատողությունից ― Երևակայական հերոսների իր թվարկումը դոն Կիխոտը վերջացնում է՝ վկայակոչելով մի քանի պատմական անձնավորությունների։ Կաստելիացի ասպետ (ծագմամբ պորտուգալացի) Խուան դե Մերլոն՝ դոն Կիխոտի իրական նախատիպերից մեկը, 1433 թվին մի ճանապարհորդություն է նախաձեռնել դեպի Ֆրանսիա՝ փայլուն սխրագործություններ կատարելու նպատակով՝ մենամարտության հրավիրելով ամենահռչակավոր ասպետներին։ Դրանց թվում նա հաղթանակորեն կռվել է այստեղ հիշվող Պյեռ դո Բոֆրեմոնի, Բարգունդիայի հերցոգի ասպետ սենյոր դե Շարնիի (այստեղից էլ դոն Կիխոտի անճշգրիտ «գնացել է Բուրգոնդիա» արտահայտությունը) և մոսեն Էնրիկե դե Ռոմեստանի հետ (մոսենը արագոնյան տիտղոս է, որ համազոր է իսպանական «դոն» կամ ֆրանսիական «մսյո» դիմումին)։ Պեդրո Բարբան և Գյուտերին Կիխադան կաստիլիացի ասպետներ են, որոնք 1435 թվին նմանօրինակ մի արշավանք են ձեռնարկել, նպատակ ունենալով կռվել օտարերկրյա ասպետների հետ՝ ի պատիվ իրենց դամաների։ Ֆերնանդո դե Գևարի մենամարտը ավստրիական ասպետ Գեորգի հետ տեղի է ունեցել Վիեննայում 1436 թվին։ 1434 թվին Օրբիգայի կամրջի մոտ Աստորգա քաղաքից երեք մղոն հեռու տեղի է ունեցել մի նշանավոր տուրնիր (զինխաղ), որը կազմակերպել է Լեոնի ասպետ Սուենո դե Կինյոնեսը։ Տուրնիրն այնուհետև գովերգվել է Խուան դե Պինեդայի կողմից «Libro del Paso Honroso»֊ի մեջ (1588), այսինքն, որ Սուերոն 9 ընկերների հետ 30 օրվա ընթացքում հաջողությամբ մրցել է ինչպես իսպանական, այնպես էլ Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից եկած 60 ասպետների հետ։ Նավարրայի ասպետ Լուիսա դե Ֆալսեսի մենամարտը կաստիլիացի Գոնսալո դե Գուսմանի հետ տեղի է ունեցել Վայլադոլիդում 1428 թվին։
- ↑ Ֆրանսերեն pair, իսպաներեն par նշանակում է «հավասար»։
- ↑ «Գրել եմ հետևյալը։»
- ↑ Կոնգոյի բնակիչ։
- ↑ Իտալական մի նավահանգիստ։
- ↑ Paniaguado (բառացի՝ «հաց և ջուր ստացող») ― Ծառա հացկեն տակ։
- ↑ Ի գովասանս Դուլսինեա Տոբոսցու։
- ↑ Բառացի՝ «Սև Սյերա» (չարաբաստիկ իմաստով) ― կատակի ձևով վերանվանված Սյերրա Մորենան է, որի անունը, հիրավի, ծագելով «Սյերրա Մարիանա»֊ից (այսինքն՝ «Մարիանա սարը»), համահնչյուն կարգով կարող էր իմաստավորված լինել որպես «Սևորակ Սյերրա»։
- ↑ Արանխուես ― իսպանական թագավորների ամառային շքեղ աթոռանիստ, գտնվում է Մադրիդից դեպի հաարավ, 50 կիլոմետր հեռավորության վրա։ Արանխուեսի գեղեցկությունը հռչակված է եղել XVII դարում, և այդ անունը հասարակ է դարձել հրապույր ու գեղեցկություն որակելու համար։
- ↑ Caprichoso ― նշանակում է «քմահաճ, անմիտ»։
- ↑ Բելլոն ― հռոմայեցիների պատերազմի աստվածուհին։
- ↑ Աամադիս գաղղիացին և Բելիանիս հունաստանցին։
- ↑ Մականուն մարտական նժույգների Ռեյնալդ Մոնտալբանացու և Ռոլանդի, այսինքն այն երկու ռազմիկների, որոնց նկարագրել է Արիոստոն իր «Կատաղի Ռոլանդում»։
- ↑ Burlador նշանակում է «կատակաբան»։
- ↑ Cachidiablo «պոզավոր սատանա» (ի միջի այլոց՝ Սերվանտեսի ժամանակներում այդ մականունն է կրել իր ասպատակներով հայտնի ալժիրցի մի ծովահեն)։
- ↑ Ծաղրական անուն, ըստ երևույթին, ձայնանմանության բնույթի («տիկ֊տակ», «տուկ֊տուկ»֊ի նման), ըստ որոշ բացատրության, այդ անունը Սերվանտեսն է հնարել իտալերեն ticchio բառից, որ նշանակում է՝ «խելացնորություն, տարօրինակություն»։
- ↑ Այդ մասին ավելի լավ է թող ուրիշները երգեն» ― ոտանավորի տող «Կատաղի Ռոլանդից», (երգ XXX, տուն 16)։