«Ագռավը (Սամվել Մկրտչյան)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Ագռավը |հեղինակ = Էդգար Ալլան Պո |թարգմանիչ = Սամվել Մկրտչյան |աղբյուր = }} ...»:)
 
 
(One intermediate revision by the same user not shown)
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Պոեզիա]]
 
[[Կատեգորիա:Պոեզիա]]
 +
[[Կատեգորիա:Ամերիկյան գրականություն]]
 +
[[Կատեգորիա:Չափածո]]
  
 
<poem>
 
<poem>

Ընթացիկ տարբերակը 15:44, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ

Ագռավը

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան

Մի անգամ, երբ մութ գիշեր էր, երբ հոգիս իր ցավն հիշել էր,
Եվ թերթում էի նիշերը մոռացված մի գիտության․
Մինչ ննջում էր իմ մրմուռը, մեկն անդո՜րր բախեց իմ դուռը—
Եվ այնպես, ասես, զեփյուռը մե՜ղմ թակում էր դուռն իմ տան։
«Հյուր է,— լոկ անցավ մտքովս,— որ բախում է դուռն իմ տան։
Հյուր է լոկ, այսքան մի բան»։

Ցուրտ ձմռան այդ հուշն ահեղ է․ մի պայծառ վառվող կանթեղ է—
Երբ ամեն մեռնող անթեղը ուրուներ էր ծածանում։
Լույս էին տենչում մտքերս — զո՜ւր էի թերթում գրքերս,
Ախ, չէի՜ն պատմի երգերս Լինորի կորուստն անհուն—
Ախ, չէի՜ն մեղմի վերքերս — Լինորի կորուստն անհուն—
Աստ՝ հավիտյա՜ն անանուն։

Մետաքսի տխուր խշշյունը, շղարշի շաղոտ շրշյունը—
Ո՜հ, խայտո՛ւմ․․․ խայթո՜ւմ էր սիրտս սոսկումով մի խոլական․
Սիրտս դեռ ուժգին զարկում էր, մինչ լեզուս դեռ առարկում էր․
«Մի ճամփորդ է, որ թակում է ու բախում է դուռն իմ տան—
Ուշացած մի այցելու է, որ թակում է դուռն իմ տան—
Ընդամենն այսքան մի բան»։

Եվ հոգիս ցրեց իր ահը․ չկորցրեց իզուր էլ պահը—
«Տյար, կամ թե Տիկին,— կանչում եմ,— սպասեք դեռ մեկ վայրկյան․
Խիստ բռնել էր աչքիս քունը, մինչ թակում էիք իմ դուռը—
Եվ այնպես, ասես, զեփյուռը մե՜ղմ թակում էր դուռն իմ տան․
Ինձ թվո՛ւմ էր, թե թակոց է․․․»,— բացեցի ես դուռն իմ տան—
Մո՜ւթ գիշեր, այդքան մի բան։

Արդ մթնում կանգնած հսկում եմ — ու այնպե՜ս դողում, սոսկում եմ,
Մինչ իմ սիրտը սողոսկում են երազներն անիրական։
Սակայն շուրջս լուռումունջ էր, լռությունը անշշո՛ւնջ էր,
Սոսկ՝ «Լինո՜ր»— լսվեց մրմունջը՝ իմ շշունջը մեղմաձայն․
Եվ՝ «Լինո՜ր»— շրշաց շշունջը՝ իմ մրմունջը մեղմաձայն —
Ընդամենն այդքան բան։

Ետ դարձա ես իմ սենյակը — ու վառվե՜ց հոգուս կրակը,
Զի շուտով լսվեց նույն զարկը — նույն թակոցը մեղմաձայն։
«Դե իհա՜րկե` պատուհանն է, կամ այնտեղ ինչ֊որ մի բան է․․․
Կպարզեմ այս առեղծվածը, կտեսնեմ, թե ինչ է այն․․․
Թող հանդարտ լինի իմ սիրտը, որ պարզեմ, թե ինչ է այն—
Հողմն է սոսկ, այդքան մի բան»։

Բացեցի ես պատուհանը, որ տեսնեմ, թե ինչն է բանը—
Եվ,— ասես թե անցյալից էր,— մի Ագռավ խուժեց անձայն․
Մոռացած պատշաճ ողջույնը՝ նա կարծես մտավ իր բույնը—
Եվ այս տիրակալ թռչունը գտավ քիվը իմ դռան,
Ուր Պալլասի կիսարձանն էր՝ լուռումունջ թառեց վրան—
Լուռ թառեց, այդքան մի բան։

Այդուհետ այս սեւ Ագռավը մոռացրեց մի պահ իմ ցավը․
Դեմքն, ասես, գիշեր ու դավ էր, տեսքն՝ այնպե՜ս հանդիսավոր։
«Կարճ է շատ քո սեւ կատարը, բայց խիզախ էր քո ներս գալը․
Դու,— ասի,— այն սեւ Ագռավն ես՝ ափերից այն ահավոր․․․
Ի՞նչ է, ի՞նչ է քո անունը ափերում այն ահավոր»։
Ագռավն ասաց — Nevermore։

Մի՜թե այս մեկ բառը քիչ է․ թե հրաշք չէ սա՝ էլ ի՞նչ է,
Բայց եւ՝ համարյա ոչինչ է, երբ ասված է մոտավոր։
Զի կյանքում գիտեն ամենքը՝ չի ծնվել բնավ այն մեկը,
Որն ասի, թե սեւ Ագռավը Օրհնությունն է թեւավոր,
Որ սեւուկ ու թուխ Ագռավը օրհնությունն է թեւավոր,
Դեռ անունն էլ — Nevermore։

Կիսանդրին դարձրած իր թառը՝ նա խոսեց միակ այս բառը․
Մի՞թե մի հատիկ այդ բառն էր ողջ դարձվածն իր նենգավոր։
Լռություն տիրեց մեր շուրջը, ու լսվեց սոսկ իմ մրմունջը․
«Կորցրել է իր երամը, մնացել է մենավոր․․․
Կթռչի՜, երբ գա լուսայգը — հանց հույսերն իմ մենավոր․․․»—
Ագռավն ասաց — Nevermore։

Ու այսպես այս սեւ թռչունը դեռ անհոգ կրկնում էր նույնը,
Եվ անվերջ կապկում էր սույնը՝ սոսկ մեկ բառն իր գիտության․․․
«Ես գիտեմ, թե այդ բառն ումն է․․․ իր տիրո՛ջ տված ուսումն է,
Որ որպես իր օրհնությունը` նա մի բառ թողեց միայն—
Երբ գտավ անդարձ իր քունը՝ նա մի բառ թողեց միայն,
Nevermore — այդքան մի բան»։

Այս Ագռավն, ասես, ցրում էր տխրությունս, մոռացնո՛ւմ էր,
Ինձ թվաց, թե ցավն անցնում է — եւ հուշերն իմ ահավոր․․․
Ես գլուխս լուռ հակում եմ, մոտ նստած՝ դեռ գուշակում եմ,
Թե չորուկ ու չար թռչունը՝ այս չարիքը չարավոր—
Ի՞նչ է, ո՞վ է այս թռչունը, այս սեւ չարքը չարավոր,
Որ կանչում է — Nevermore։

Դեռ այսպես նստած խորհում եմ ու անխոս դեռ մտորում եմ,
Մինչ նրա աչքերն այրում են, ա՛խ, իմ սիրտը վիրավոր․
Լուռ նստած դեռ գուշակում եմ, ու գլուխս լուռ հակում եմ,
Իսկ թավշի վրա ճրագը դեռ շողում է լուսավոր,
Բայց թավիշն այդ, ուր շողում է դեռ ճրագը լուսավոր,
Չի տեսնի նա — Nevermore։

Օդն հետո խեղդուկ ու հոծ էր, իմ սենյակը խնկանոց էր․
Քերովբեի ոտնաձայնն էր գորգին զնգում քաղցրալից․
«Ա՜հ, Աստվա՛ծ է ուղարկել քեզ, հրեշտակն է առաքել քեզ
Եվ հղել է նա դարմանը եւ հուշերն իմ Լինորից,
Որ ըմպեմ, ըմպեմ դարմանը, ազատվե՜մ իմ Լինորից․․․»—
Nevermore — լսվեց նորից։

«Մարգարե՞ ես, չարությո՞ւնն ես, սատանա՞ ես թե թռչուն ես,
Քեզ բերողը Փորձապե՞տն է, թե՞ Փորձանքը ահավոր`
Դեպ երկիրն այս, որ լքված է, բայց անվախ, դյութիչ ու բա՜ց է—
Ուր Սարսափն է տնակյացը — դու ասա՛ ինձ հիմնավոր՝
Գաղաադի բալասանը գտնելո՞ւ եմ ես մի օր․․․»—
Ագռավն ասաց — Nevermore։

«Մարգարե՜ ես, չարությո՜ւնն ես, սատանա՜ ես թե թռչո՜ւն ես՝
Թող վկա լինի երկինքը եւ մեր Հայրը երկնավոր—
Երբ փակվի վշտի այս բեմը, երբ հոգիս տեսնի Եդեմը՝
Սուրբ կույսին պիտի գտնի՞ նա՝ Լինորին իր լուսավոր—
Լինորին պիտի գրկի՞ նա՝ սուրբ կույսին իր լուսավոր․․․»—
Ագռավն ասաց — Nevermore։

«Ինչ որ է՛ քո պիղծ անունը՝ ա՛յս լինի մեր բաժանումը,
Ե՛տ դարձիր դեպ քո անհունը, քո ափերը հեռավոր։
Չթողնե՛ս քո սեւ փետուրը, չե՛ս եղել երբեք իմ հյուրը․
Մի՛ խախտիր իմ մենությունը, թո՛ղ իմ տունը մենավոր—
Քո կտուցն հանի՛ր սրտիցս — թո՛ղ իմ դուռը մենավոր․․․»—
Ագռավն ասաց — Nevermore։

Եվ Ագռավն այդ լուռ բազմած է, դեռ նստած է, դե՜ռ նստած է,
Ուր գունատ, դալուկ Պալլասն է՝ նա բազմա՜ծ է փառավոր․
Իսկ հայացքն այնպե՜ս անկյանք է, հրեշավո՜ր կերպարանք է—
Եվ նետում է դեռ ճրագը տեսիլներն իր նորանոր—
Եվ բանտած հոգիս այդպես էլ տեսիլներից ահավոր
Չի՜ ազատվի — Nevermore!