«Փոքրիկ իշխանը»–ի խմբագրումների տարբերություն
Տող 1. | Տող 1. | ||
[[Կատեգորիա:Արձակ]] | [[Կատեգորիա:Արձակ]] | ||
[[Կատեգորիա:Մանկական]] | [[Կատեգորիա:Մանկական]] | ||
− | [[Կատեգորիա:Ֆրանսիական]] | + | [[Կատեգորիա:Ֆրանսիական գրականություն]] |
{{Վերնագիր | {{Վերնագիր | ||
|վերնագիր = Փոքրիկ իշխանը | |վերնագիր = Փոքրիկ իշխանը |
Ընթացիկ տարբերակը 15:48, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ
հեղինակ՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերի |
Բովանդակություն
Նախաբան
ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ
Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է արդարանամ՝ այդ մեծահասակ մարդը իմ ամենալավ բարեկամն է: Բացի դա, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ՝
ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ, Երբ նա փոքրիկ տղա էր
I
Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:
Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»:
Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ № 1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:
Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և հարցրի՝ սարսափելի չէ արդյոք:
– Մի՞թե գլխարկը սարսափելի է,– առարկեցին նրանք:
Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2 նկարը:
Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: № 1 և № 2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը:
Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»:
Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:
II
Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի: Եվ ահա վեց տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում: Ինքնաթիռիս շարժիչի մեջ ինչոր բան էր ջարդվել: Ինձ հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղևոր, և ես որոշեցի ինքս ամեն ինչ սարքել, չնայած դա շատ դժվար գործ էր: Ես պետք է կամ շարժիչը կարգի գցեի, կամ զոհ գնայի: Իմ ունեցած ջուրը հազիվ թե ինձ մի շաբաթ բավականացներ:
Այսպես ուրեմն, ես առաջին գիշերը քնեցի անապատի ավազներին, ուր շուրջս՝ հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Նավաբեկյալն անգամ իրեն այդքան միայնակ չէր զգա օվկիանոսում, որքան ես: Պատկերացրեք, թե որքան զարմացա, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչոր մեկի բարակ ձայնը:
– Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ...
– Ի՜նչ...
– Ինձ համար մի գառնուկ նկարիր...
Ես այնպես վեր թռա, կարծես թե ամպրոպ էր ճայթել: Աչքերս տրորեցի: Նայեցի շուրջս ու տեսա մի տարօրինակ, փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ:
Ահա ամենալավ դիմանկարը, որ ես հետագայում կարողացա նկարել: Բայց իմ նկարում նա այդքան լավ չի ստացվել, ինչպես իրականում կար: Դրա համար ե՛ս չեմ մեղավորը: Երբ վեց տարեկան էի, մեծահասակներն ինձ համոզեցին, որ ինձանից նկարիչ դուրս չի գա, այդ պատճառով էլ դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի ես ուրիշ ոչ մի բան նկարել չսովորեցի:
Եվ այսպես, ես, աչքերս լայն բաց արած, նայում էի այդ անսովոր երևույթին: Չմոռանաք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Բացի դրանից, բոլորովին էլ չէր երևում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած կամ քաղցից ու սովից մեռնում է: Նրա տեսքից հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Վերջապես ես խոսելու ընդունակությունս վերականգնեցի ու հարցրի.
– Բայց... Ի՞նչ ես անում դու այստեղ:
Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց.
– Խնդրում եմ... գառնուկ նկարիր...
Այդ բոլորն այնքան խորհրդավոր էր ու անըմբռնելի, որ ես սիրտ չարեցի հրաժարվել: Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այստեղ՝ անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էի դատապարտված, այնուամենայնիվ գրպանիցս հանեցի մի թերթ թուղթ ու գրիչս: Բայց այստեղ ես հիշեցի, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն եմ սովորել և ասացի տղային նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեմ: Նա պատասխանեց.
– Միևնույն է, մի գառնուկ նկարիր...
Եվ քանի որ իմ կյանքում երբեք գառնուկ չէի նկարել, նրա համար կրկնեցի իմ իմացած հին նկարներից մեկը՝ վիշապօձը դրսի կողմից, և շատ զարմացա, երբ տղան բացականչեց.
– Ոչ, ոչ... ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր...
Եվ ես նկարեցի:
Նա ուշադիր նայեց իմ նկարին ու ասաց.
– Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր...
Եվ ես նկարեցի:
Իմ նոր բարեկամը մեղմ ու ներողամիտ ժպտաց:
– Չէ՞ որ դու էլ ես տեսնում, – ասաց նա, – որ սա գառնուկ չէ: Սա մեծ խոյ է, կոտոշներ ունի...
Ես նորից նկարեցի, բայց նա այդ նկարից էլ հրաժարվեց:
– Սա էլ արդեն պառավ ոչխար է: Ինձայնպիսի գառնուկ է պետք, որ երկար ապրի:
Այստեղ իմ համբերությունը հատավ: Չէ՞ որ ես պետք է որքան հնարավոր է շուտ կարգի գցեի շարժիչը և ահա թե ինչ խզմզեցի:
Եվ ասացի տղային.
– Ահա քեզ մի արկղ: Մեջը մի այնպիսի գառնուկ է նստած, ինչպիսին դու ուզում ես:
Որքան ես զարմացա, երբ իմ խստապահանջ դատավորը հանկարծ պայծառացավ.
– Այ սա լա՜վ է: Ի՞նչ ես կարծում, այս գառնուկին շա՞տ խոտ է պետք:
– Ինչո՞ւ ես հարցնում...
– Չէ՞ որ ինձ մոտ ամեն բան փոքր է...
– Սրան կբավականացնի: Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տալիս:
– Այնքան էլ փոքր չէ...– գլուխը խոնարհելով ու նկարին նայելով ասաց նա:– Տե՛ս, տե՛ս, քնել է…
Այսպես ես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ:
III
Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որևէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում: Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ:
Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը (ես չեմ փորձի ինքնաթիռը նկարել, միևնույն է, բան դուրս չի գա), հարցրեց.
– Սա ի՞նչ բան է:
– Սա բան չէ, ինքնաթիռ է, թռչում է:
Եվ ես հպարտությամբ բացատրեցի նրան, որ կարող եմ թռչել: Նա բացականչեց.
– Ինչպե՞ս, դու երկնքի՞ց ես ընկել:
– Այո՛,– համեստորեն պատասխանեցի ես:
– Այ թե հետաքրքի՜ր է…
Եվ Փոքրիկ իշխանը ծիծաղեց այնպես ուժգին, որ իմ տրամադրությունն ընկավ: Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
– Ուրեմն դո՞ւ էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից:
«Ահա թե որտեղ է անապատում հայտնվելու նրա խորհրդավոր գաղտնիքը»,– մտածեցի ես և ուղղակի հարցրի.
– Ուրեմն դու ուրիշ մոլորակի՞ց ես այստեղ ընկել...
Բայց նա չպատասխանեց: Իմ ինքնաթիռին նայելով՝ նա գլուխը կամաց օրորեց.
– Դու սրանով հեռվից գալ չէիր կարող...
Եվ երկար մտածմունքի մեջ ընկավ: Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկն ու սկսեց զննել այդ գանձը:
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը «ուրիշ մոլորակների» մասին նրա կիսաբերան ասած խոստովանությունից:
Եվ ես փորձեցի ավելի շատ բան իմանալ:
– Որտեղի՞ց ես դու եկել, փոքրի՛կս: Որտե՞ղ է քո տունը և ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկը:
Նա, մտածմունքի մեջ ընկած, մի փոքր լռեց, հետո ասաց.
– Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր: Գիշերները գառնուկը արկղում էլ կքնի:
– Դե իհարկե: Եվ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես: Ցից էլ կտամ:
Փոքրիկ իշխանը մռայլվեց:
– Կապե՞մ... ինչի՞ համար...
– Ախր եթե չկապես, նա կարող է գնալ հեռու և կորչել:
Այստեղ իմ բարեկամը նորից ուրախ ծիծաղեց:
– Ո՞ւր կարող է նա գնալ:
– Քի՞չ տեղ կա գնալու: Կգնա ուղիղ, ինչքան աչքը կտրի:
Փոքրիկ իշխանը լրջորեն ասաց.
– Դա սարսափելի չէ, ինձ մոտ տեղը շատ փոքր է:
Եվ թախծոտ ավելացրեց.
– Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…
IV
Եվ այսպես, ես էլի մի կարևոր գյուտ արեցի: Նրա հայրենի մոլորակն ընդամենը մի տան չափ է եղել…
Ասենք, դա ինձ այնքան էլ չզարմացրեց: Ես գիտեի, որ մեր Երկրի, Յուպիտերի, Մարսի և Վեներայի նման մեծ մոլորակներից բացի հարյուրավոր այլ մոլորակներ գոյություն ունեն, դրանց թվում այնքան փոքրիկները, որոնց նույնիսկ աստղադիտակով դժվար է նկատելը: Երբ աստղագետը նման մի մոլորակ է հայտնաբերում, նրան ոչ թե անուն է տալիս, այլ համար: Օրինակ՝ № 3251: Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Փոքրիկ իշխանը եկել էր այն մոլորակից, որը կոչվում է մոլորակ № 612: Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ՝ 1909 թվականին, տեսել է մի թուրք աստղագետ:
Աստղագետն իր սքանչելի հայտնագործության մասին հայտնեց աստղագետների միջազգային կոնգրեսում, բայց նրան չհավատացին և միայն այն պատճառով, որ նա թուրքական տարազ ուներ հագին: Դե ի՞նչ կարող ես անել, մեծահասակներն այդպես են:
№ 612 մոլորակի բախտից թուրքական սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայեց եվրոպական հագուստ հագնել: 1920 թվականին այդ աստղագետը նորից զեկուցեց իր հայտնագործության մասին: Այս անգամ նա հագել էր ամենավերջին նորաձևության համապատասխան, և բոլորը նրա հետ համաձայնեցին:
№ 612 մոլորակի մասին ես ձեզ այսպես մանրամասն պատմեցի և նույնիսկ համարն ասացի միայն մեծահասակների պատճառով: Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք, այսինքն՝ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ բան է կյանքը, ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզենայի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ...»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:
Ահա մեկ էլ դրա համար էր, որ ես ներկատուփ ու գունավոր մատիտներ գնեցի: Իմ հասակում այնքան էլ հեշտ բան չէ նորից նկարչությամբ զբաղվելը, մանավանդ որ իմ ամբողջ կյանքում ես միայն վիշապօձ եմ նկարել՝ ներսի ու դրսի կողմից, այն էլ վեց տարեկան հասակում:
Ինչ խոսք, ես կաշխատեմ, որքան հնարավոր է, նմանությունը լավ տալ, բայց այնքան էլ վստահ չեմ, թե դա ինձ կհաջողվի: Մի դիմանկարը նման է դուրս գալիս, իսկ մյուսը՝ բոլորովին նման չի լինում: Ես հասակի մեջ էլ եմ սխալվում: Մի նկարում իշխանը չափազանց բարձրահասակ է ստացվել, իսկ մյուսում՝ չափազանց փոքր: Եվ ես լավ չեմ հիշում, թե ինչ գույն ունեին նրա հագուստները: Ես փորձում եմ նկարել ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես, ինչպես որ պատահի, մի կերպ: Վերջապես կարող եմ սխալվել ինչ-որ կարևոր մանրուքների մեջ, բայց դուք ներողամիտ կլինեք: Իմ բարեկամը ինձ երբեք և ոչինչ չէր բացատրում: Գուցե նա մտածում էր, թե ես այնպիսին եմ, ինչպիսին ինքը: Բայց ես, դժբախտաբար, չեմ կարողանում արկղի պատկերի միջով գառնուկ տեսնել: Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երևի ծերանում եմ:
V
Ամեն օր ես մի նոր բան էի իմանում նրա մոլորակի մասին և այն մասին, թե նա ինչպես էր թողել իր մոլորակն ու սկսել թափառումները: Նա այդ մասին քիչ-քիչ էր պատմում, երբ խոսք էր ընկնում: Այդպես ես երրորդն օրն իմացա բաոբաբների ողբերգության մասին:
Դա էլ գառնուկի պատճառով ստացվեց: Փոքրիկ իշխանին կարծես թե հանգիստ չէին տալիս կասկածները, և նա հարցրեց:
– Ասա, ճի՞շտ է, որ գառնուկները թփեր են ուտում:
– Այո՛, դա ճիշտ է:
– Ա՜յ, դա լավ է...
Ես չհասկացա, թե ինչու է այդքան կարևոր, որ գառնուկները թփեր ուտեն:
– Ուրեմն նրանք բաոբաբնե՞ր էլ են ուտում:
Ես առարկեցի՝ ասելով, որ բաոբաբները թփեր չեն, այլ հսկայական ծառեր՝ զանգակատան բարձրության, և եթե նա փղերի մի ամբողջ նախիր բերի, էլի բաոբաբ ուտել չեն կարողանա:
Փղերի մասին լսելով՝ Փոքրիկ իշխանը ծիծաղեց:
– Նրանց ստիպված իրար վրա պիտի դնեին...
Իսկ հետո խելամտորեն ավելացրեց.
– Բաոբաբները մինչև մեծանալը փոքր են լինում:
– Դա ճիշտ է: Բայց ինչի՞դ է պետք, որ քո գառնուկը փոքրիկ բաոբաբ ուտի:
– Ուրիշ ինչպե՞ս կարող է լինել, – բացականչեց նա այնպես, կարծես թե խոսքը գնում էր շատ պարզ ճշմարտության մասին: Եվ ես բավական երկար ցավացրի, մինչև հասկացա բանի էությունը:
Փոքրիկ իշխանի մոլորակի վրա, ինչպես մնացած բոլոր մոլորակների վրա, աճում են և՛ օգտակար, և՛ վնասակար խոտեր: Այդ նշանակում է, որ այնտեղ կան լավ ու օգտակար խոտերի լավ սերմեր և գեշ խոտերի, այսինքն՝ մոլախոտերի վատ սերմեր: Բայց չէ՞ որ սերմերն անտեսանելի են: Նրանք քնում են խորը գետնի տակ այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկնումեկի գլխին փչի արթնանալ: Այդ ժամանակ նա ծիլ է արձակում, որը սկզբում շատ սիրուն ու անվնաս է երևում, իսկ հետո մեջքն ուղղելով՝ ձգվում է դեպի արևը: Եթե դա ապագա վարդի թուփ է, թող աճի, ինչքան ուզում է:
Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես: Եվ ահա Փոքրիկ իշխանի մոլորակի վրա կան սարսափելի վնասակար սերմեր...
Դրանք բաոբաբի սերմեր են: Մոլորակի հողը ամբողջովին վարակված է նրանցով: Եվ եթե ժամանակին չճանաչես բաոբաբի ծիլը, հետո նրանից արդեն չես ազատվի: Ամբողջ մոլորակը կգրավի: Նա իր արմատներով կծակի կանցնի ամբողջ մոլորակը: Եվ եթե մոլորակը փոքրիկ է, իսկ բաոբաբները՝ շատ, ապա նրանք մոլորակը կտոր-կտոր կանեն:
– Այստեղ մի հաստատուն կարգ կա, – հետագայում ասաց Փոքրիկ իշխանը: – Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը: Հենց որ կարողացար բաոբաբի ծիլերը տարբերել վարդի թփերից, պետք է անմիջապես դրանք արմատախիլ անես: Վարդի ու բաոբաբի մատաղ ծիլերը շատ են իրար նմանվում: Դա շատ ձանձրալի աշխատանք է, բայց բոլորովին դժվար չէ:
Մի անգամ նա ինձ խորհուրդ տվեց, որ ես աշխատեմ մի այնպիսի նկար նկարել, որ մեզ մոտ էլ երեխաներն այդ բանը լավ հասկանան:
– Եթե հանկարծ նրանք երբևէ ճանապարհորդեն, – ասաց նա, – դա նրանց պետք կգա: Աշխատանքներ կան, որ կարող են մի փոքր սպասել, դրանից վնաս չի գա: Բայց երբ խոսքը վերաբերում է բաոբաբին, դժբախտությունից չես խուսափի:
Ես մի մոլորակ գիտեի, որի վրա մի ծույլ մարդ էր ապրում: Նա բաոբաբի երեք թուփ ժամանակին չքաղհանեց և... Փոքրիկ իշխանն ինձ մանրամասն նկարագրեց, և ես նկարեցի այդ մոլորակը: Ես տանել չեմ կարողանում, երբ մարդկանց գլխին քարող են կարդում: Բայց քչերը գիտեն, թե ինչ կարող է անել բաոբաբը, և քանի որ փոքրիկ մոլորակի վրա երբևէ ընկնող յուրաքանչյուր մարդու սպառնացող վտանգը շատ մեծ է, ես այս անգամ որոշեցի իմ սովորական զսպվածությունը հաղթահարել: «Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշ մնացեք բաոբաբից»:
Ես ուզում էի իմ բարեկամներին նախազգուշացնել այն վտանգի մասին, որը վաղուց է դարանակալած նրանց սպասում, իսկ նրանք նույնիսկ այդ մասին չեն էլ կասկածում, ինչպես որ ես էլ առաջ չէի կասկածում:
Ահա թե ինչու էի ես այդպես չարչարվում այդ նկարի վրա և չեմ ափսոսում թափածս աշխատանքի համար: Գուցե դուք հարցնեք, թե այս գրքում ինչու բաոբաբների նկարի նման ազդեցիկ նկար չկա այլևս: Պատասխանը շատ պարզ է. Ես ձգտում էի, որ լինեն, բայց ոչինչ չստացվեց: Իսկ երբ ես բաոբաբներն էի նկարում, ինձ ոգևորում էր այն գիտակցությունը, թե դա շատ կարևոր ու անհետաձգելի գործ է:
VI
Օ՜, Փոքրիկ իշխան, քիչ-քիչ ես հասկացա նաև, թե որքան տխուր ու միապաղաղ է եղել քո կյանքը: Երկար ժամանակ դու միայն մի հաճելի զբաղմունք ես ունեցել՝ նայել վերջալույսին: Ես այդ մասին իմացա չորրորդ օրվա առավոտյան, երբ դու ասացիր.
– Ես վերջալույս շատ եմ սիրում: Գնանք տեսնենք, թե ինչպես է արևը մայր մտնում:
– Դրան պետք է սպասել:
– Ինչո՞ւ սպասել:
– Որպեսզի արևը մայր մտնի:
Սկզբում դու շատ զարմացար, իսկ հետո ինքդ քեզ վրա ծիծաղեցիր ու ասացիր.
– Ինձ միշտ թվում է, թե իմ տանն եմ:
Եվ իրոք: Բոլորը գիտեն, որ երբ Ամերիկայում կեսօր է,Ֆրանսիայում արևը մայր է մտնում: Եվ եթե հնարավոր լիներ մի րոպեում տեղափոխվել Ֆրանսիա, կարելի կլիներ հիանալ վերջալույսով: Դժբախտաբար Ֆրանսիան շա՜տ-շա՜տ է հեռու: Իսկ քո մոլորակի վրա բավական էր աթոռը մի քանի քայլ առաջ տանել, և դու նորից ու նորից կարող էիր հիանալ վերջալույսի երկնքով... հարկավոր էր միայն ցանկանալ...
– Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է արևը մայր մտնում: Եվ մի փոքր սպասելով՝ դու ավելացրիր.
– Գիտես... երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը...
– Ուրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխուր:
Սակայն Փոքրիկ իշխանը չպատասխանեց:
VII
Հինգերորդ օրը դարձյալ գառնուկի շնորհիվ ես իմացա Փոքրիկ իշխանի գաղտնիքը:
Առանց նախաբանի, նա այնպես միանգամից հարց տվեց, որ թվում էր, թե նման եզրակացության էր հանգել երկար ու լուռ մտորումներից հետո.
– Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղի՞կ էլ կուտի:
– Ինչ որ պատահի՝ կուտի:
– Նույնիսկ փշոտ ծաղիկնե՞րը...
– Նույնիսկ փշոտ ծաղիկները:
– Այդ դեպքում ինչի՞ համար են փշերը:
Ես այդ չգիտեի: Բացի այդ, ես շատ էի զբաղված: Շարժիչի մեջ մի հեղույս էր փչացել, և ես աշխատում էի այդ հեղույսը մի կերպ դուրս հանել: Ես ինձ կորցրել էի, իմ դրությունը լրջանում էր. Խմելու ջուր գրեթե չէր մնացել, և ես սկսում էի վախենալ, թե իմ հարկադրված վայրէջքը կարող է վատ վախճան ունենալ:
– Ինչի՞ համար են փշերը:
Փոքրիկ իշխանը մի անգամ որ հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար: Չենթարկվող հեղույսն ինձ համբերությունից հանել էր, դրա համար էլ հենց այնպես պատասխանեցի.
– Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:
– Այ թե ի՜նչ...
Լռություն տիրեց: Հետո նա գրեթե բարկացած ասաց.
– Ես քեզ չեմ հավատում: Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...
Ես չպատասխանեցի: Այդ պահին ես մտածում էի. «Եթե այս հեղույսը հիմա դուրս չգա, ես այնպես կխփեմ, որ ջարդուփշուր կլինի»: Փոքրիկ իշխանը նորից իմ մտքերն ընդհատեց.
– Իսկ դու կարծում ես, թե ծաղիկները...
– Չէ՛, ես ոչինչ էլ չեմ կարծում: Ես քեզ ասացի գլուխս եկած առաջին բանը... Չե՞ս տեսնում, որ լուրջ գործով եմ զբաղված:
Նա զարմացած նայեց ինձ.
– Լուրջ գո՞րծ:
Ու շարունակեց ինձ նայել:
Մեքենայի յուղով ամբողջովին կեղտոտված, մուրճը ձեռքիս՝ ես կռացել էի անհասկանալի առարկայի վրա, որ նրան այլանդակ բան էր թվում:
– Դու մեծահասակի նման ես խոսում, – ասաց նա:
Ես ամաչեցի: Իսկ նա անողոք կերպով ավելացրեց.
– Ամեն ինչ դու խառնում ես... ոչինչ չես հասկանում:
Այո՛, Փոքրիկ իշխանը կարգին նեղացել էր: Նա գլուխը ցնցեց, ու քամին նրա ոսկեգույն մազերը խառնեց:
– Ես մի մոլորակ գիտեմ, որի վրա մի կարմրադեմ պարոն է ապրում: Նա իր ամբողջ կյանքում ծաղկից ոչ մի անգամ հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Նա երբեք և ոչ ոքի չի սիրել: Եվ երբեք նա ոչինչ չի արել:
Նա միայն մի գործով է զբաղված. թվեր է գումարում: Եվ առավոտից մինչև գիշեր մի բան է կրկնում. «Ես լուրջ մարդ եմ, ես լուրջ մարդ եմ», – իսկ և իսկ քեզ նման: Եվ դեռ գոռոզությունից էլ փքվում է: Իսկ իրականում նա մարդ չէ:
Նա սունկ է:
– Ի՞նչ...
– Սունկ...
Փոքրիկ իշխանը նույնիսկ զայրույթից գունատվեց:
– Միլիոնավոր տարիներ ծաղիկների վրա փշեր են աճում: Եվ միլիոնավոր տարիներ գառնուկները ծաղիկ են ուտում: Մի՞թե լուրջ գործ չէ՝ հասկանալ, թե ինչու են նրանք ամբողջ ուժով փուշ աճեցնում, եթե փշերից ոչ մի օգուտ չկա: Մի՞թե կարևոր չէ, որ գառներն ու ծաղիկները կռվում են միմյանց դեմ: Իսկ մի՞թե դա ավելի լուրջ և կարևոր չէ, քան կարմրադեմ ու հաստափոր պարոնի թվաբանությունը: Ես եթե ես աշխարհում միայն մի ծաղիկ գիտեմ, որն աճում է իմ մոլորակի վրա, և ուրիշ այդպիսի ծաղիկ ոչ մի տեղ չկա, իսկ փոքրիկ գառնուկը մի գեղեցիկ առավոտ հանկարծ կուտի այդ ծաղիկը և չի էլ հասկանա, թե ինչ է անում: Սա քո կարծիքով կարևոր չէ՞:
Նա թունդ կարմրեց: Հետո նորից սկսեց խոսել.
– Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը...»: բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ՛...
Նա այլևս չկարողացավ խոսել: Հանկարծ սկսեց հեկեկալ: Մթնեց: Ես գործս թողեցի: Ինձ համար արդեն ծիծաղելի էին այդ չարաբաստիկ հեղույսն ու մուրճը, ծարավությունն ու մահը: Մի աստղի վրա, մի մոլորակի վրա՝ Երկիր անունով իմ մոլորակի վրա, լալիս էր Փոքրիկ իշխանը, և հարկանոր էր նրան մխիթարել: Ես նրան գրկեցի ու սկսեցի օրոր ասել: Ես նրան ասում էի. «Քո սիրած ծաղիկին վտանգ չի սպառնում... Ես քո գառնուկին դնչկալ կնկարեմ... Ես քո ծաղկի համար զրահ կնկարեմ... Ես...»: Ես լավ չէի հասկանում, թե ինչ եմ ասում: Ես ինձ սարսափելի անճար ու անշնորհք էի զգում: Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից... Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
VIII
Շատ շուտով ես ավելի ճանաչեցի այդ ծաղիկը: Փոքրիկ իշխանի մոլորակի վրա մինչ այդ աճում էին սովորական ու համեստ ծաղիկներ, որոնք քիչ թերթեր ունեն, շատ քիչ տեղ են գրավում և ոչ ոքի չեն անհանգստացնում: Նրանք առավոտները բացվում են խոտերի մեջ և երեկոները թառամում: Բայց այս մեկը ծլեց մի սերմից, որը չգիտես թե որտեղից էր ընկել նրա մոլորակի վրա, և Փոքրիկ իշխանը աչքը չէր կտրում մնացած ծիլերին ու շյուղերին բոլորովին չնմանվող այդ փոքրիկ թփիկից: Հանկարծ ու դա բաոբաբի մի նոր տարատեսակ լիներ: Բայց թփիկը շուտով դադարեց բարձրանալուց, ու նրա վրա կոկոն հայտնվեց: Փոքրիկ իշխանը այդքան մեծ կոկոն չէր տեսել և արդեն նախազգում էր, որ հրաշք է լինելու: Իսկ անծանոթ հյուրը, իր կանաչ սենյակի մեջ թաքնված, դեռևս պատրաստվում էր, գեղեցկանում: Խնամքով գույներ էր ընտրում: Նա առանց շտապելու զարդարվում էր՝ իրար հետևից վրան փորձելով թերթերը: Նա չէր ուզում մի ինչ-որ կակաչի նման աշխարհ գալ գզգզված: Նա ուզում էր երևալ իր գեղեցկության ամբողջ փայլով: Այո՛, դա մի սարսափելի պճնամոլ էր: Խորհրդավոր նախապատրաստությունները օրեր էին տևում, և ահա, վերջապես, մի օր առավոտյան՝ դեռ արևը չծագած, թերթերը բացվեցին:
Եվ գեղեցկուհին, որ այդ պահի համար բավական երկար աշխատանք էր թափել, հորանջելով ասաց.
– Ա՜խ, հազիվ արթնացա... Խնդրում եմ՝ ներեք ինձ... Ես դեռ բոլորովին գզգզված եմ...
Փոքրիկ իշխանն իր հիացմունքը չկարողացավ զսպել.
– Ինչքա՜ն գեղեցիկ եք դուք:
– Ի՞նչ եք ասում... – եղավ մեղմ պատասխանը: – Տեսեք, է՜, ես ծնվեցի արեգակի հետ:
Փոքրիկ իշխանը, իհարկե, հասկացավ, որ զարմանալի հյուրը համեստությամբ չի տառապում, բայց դրա փոխարեն նա այնքան գեղեցիկ էր, որ մարդու շունչ էր կտրվում:
Իսկ ծաղիկը շուտով ասաց.
– Կարծես թե նախաճաշի ժամն է: Բարի եղեք, խնդրում եմ, զբաղվեք ինձնով...
Փոքրիկ իշխանը շատ շփոթվեց, հետո նա գտավ ցնցուղն ու աղբյուրի ջուր ցանեց ծաղկի վրա: Շուտով պարզվեց, որ գեղեցկուհին հպարտ է ու շուտ վիրավորվող, և Փոքրիկ իշխանը նրա ձեռքին տանջահար եղավ: Ծաղիկը փուշ ուներ, և մի անգամ նա Փոքրիկ իշխանին ասաց.
– Թող նույնիսկ վագրեր գան, ես նրանց ճանկերից չեմ վախենում:
– Իմ մոլորակի վրա վագրեր չկան, – առարկեց Փոքրիկ իշխանը: – Բացի այդ, վագրը խոտ չի ուտում:
– Ես խոտ չեմ, – վիրավորվեց ծաղիկը:
– Ներեցեք ինձ...
– Չէ՛, վագրը ինձ համար սարսափելի չէ, բայց ես շատ եմ վախենում միջանցիկ քամուց: Դուք շիրմա չունե՞ք... «Բույս է և դեռ միջանցիկ քամուց վախենում է... շատ զարմանալի է..., – մտածեց Փոքրիկ իշխանը: – Ի՜նչ ծանր բնավորություն ունի այս ծաղիկը»:
– Իրիկնամուտին խնդրում եմ ինձ ծածկեք: Շատ ցուրտ է ձեզ մոտ: Ձեր մոլորակը բոլորովին հարմարավետ չէ: Ա՛յ, որտեղից ես եկել եմ...
Նա խոսքը չավարտեց: Չէ՞ որ նա այստեղ էր ընկել, երբ ընդամենը սերմի հատիկ էր և ուրիշ մոլորակների մասին ոչինչ չէր կարող գիտենալ: Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել: Գեղեցկուհին շփոթվեց, հետո մեկ-երկու անգամ հազաց, որպեսզի Փոքրիկ իշխանն զգար, որ շատ մեղավոր է նրա առաջ:
– Ի՞նչ եղավ շիրման...
– Ես ուզում էի գնալ շիրման բերելու, բայց հո չէի՞ կարող մինչև վերջ ձեզ չլսել:
Ծաղիկն ավելի ուժեղ սկսեց հազալ. թող, այնուամենայնիվ, տղայի խիղճը տանջի: Թեև Փոքրիկ իշխանը սիրեց սքանչելի ծաղիկը և շատ ուրախ էր նրան ծառայելու համար, բայց շուտով նրա սիրտը կասկած ընկավ: Դատարկ խոսքերին սկսեց նշանակություն տալ և իրեն շատ դժբախտ զգալ:
– Ես իզուր էի նրան լսում, – մի անգամ սիրտը բացեց նա: – Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց ու շնչել նրանց բույրը:
Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել է ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ: Վագրերի ու մագիլների մասին նրա խոսակցությունները... դրանք պետք է ինձ վրա ազդեին, ինձ հուզեին, իսկ ես ջղայնանում էի... Եվ հետո նա խոստովանեց.
– Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում: Հարկավոր էր ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել: Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները... Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:
IX
Որքան ես հասկացա, նա որոշել էր ճանապարհորդել չվող թռչունների հետ: Վերջին առավոտը նա սովորականից ավելի եռանդով սկսեց մաքրել ու հավաքել իր մոլորակը: Խնամքով մաքրեց գործող հրաբուխները: Նա երկու գործող հրաբուխ ուներ: Առավոտները շատ հարմար է նրանց վրա նախաճաշ տաքացնել: Բացի այդ, կար նաև մի հանգած հրաբուխ: Բայց նա մտածեց, որ ինչ ասես կարող է պատահել, դրա համար էլ մաքրեց նաև հանգած հրաբուխը: Երբ հրաբուխները լավ ես մաքրում, նրանք հանգիստ ու անաղմուկ են վառվում, առանց ժայթքումների: Հրաբուխի ժայթքումը նույնն է, ինչ որ վառարանի խողովակի հրդեհը, երբ կպչում է նրա միջի մուրը: Ինչ խոսք, մենք՝ երկրի վրայի մարդիկս, շատ փոքրիկ ենք և չենք կարող մաքրել մեր հրաբուխները: Ահա թե ինչու են նրանք այդքան տհաճություն պատճառում մեզ:
Փոքրիկ իշխանը տխրությամբ պոկեց նաև բաոբաբի վերջին ծիլերը: Նա կարծում էր, թե երբեք այլևս չի վերադառնա, բայց այդ առավոտյան սովորական աշխատանքը նրան չտեսնած հաճույք էր պատճառում: Իսկ երբ վերջին անգամ ջրեց սքանչելի ծաղիկն ու պատրաստվում էր ապակիով ծածկել այն, նա նույնիսկ ուզեց լաց լինել:
– Մնաք բարով, – ասաց:
Գեղեցկուհին չպատասպանեց:
– Մնաք բարով, – կրկնեց Փոքրիկ իշխանը:
Ծաղիկը հազաց, բայց դա մրսելուց չէր:
– Ես հիմար էի, – ասաց նա վերջապես:
– Ներիր ինձ: Եվ աշխատիր երջանիկ լինել:
Եվ ոչ մի հանդիմանություն: Փոքրիկ իշխանը շատ էր զարմացել: Նա, ապակին ձեռքին, սառել, մնացել էր կանգնած: Որտեղի՞ց էր այդ մեղմ քնքշությունը:
– Այո՛, այո՛, ես սիրում եմ քեզ, – լսեց նա: – Ես մեղավոր եմ, որ դու չգիտեիր այդ: Բայդ դա կարևոր էլ չէ: Ասենք, դու էլ էիր ինձ նման հիմար: Աշխատիր երջանիկ լինել... թող այդ ապակին, այն ինձ այլևս պետք չէ:
– Բայց քամին...
– Ես այնքան էլ մրսած չեմ... գիշերային զովը ինձ նույնիսկ օգուտ կտա... չէ՞ որ ես ծաղիկ եմ...
– Բայց գազանները, միջատները...
– Դե պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ... Նրանք պետք է որ շատ լավիկը լինեն: Թե չէ, ո՞վ պիտի ինձ այցելի: Չէ՞ որ դու հեռվում կլինես: Իսկ մեծ գազաններից ես չեմ վախենում: Ես մագիլներ ունեմ:
Եվ նա պարզամտորեն ցույց տվեց իր չորս փշերը: Հետո ավելացրեց.
– Էլ մի ձգձգիր... դա անտանելի է... Եթե որոշել ես գնալ՝ գնա:
Նա չէր ուզում, որ Փոքրիկ իշխանը տեսնի, թե ինչպես է ինքը լալիս: Դա մի շատ հպարտ ծաղիկ էր:
X
Փոքրիկ իշխանի մոլորակին ամենից շատ մոտիկ էին № 325, 326, 327, 329 և 330 փոքրիկ մոլորակները: Դրա համար էլ նա որոշեց նախ և առաջ այցելել դրանց: Չէ՞ որ պետք էր մի որևէ զբաղմունք գտնել և, բացի այդ, որոշ բաներ էլ սովորել:
Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգունի մորթիով պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց, այնուամենայնիվ, փառահեղ իր գահին:
– Ահա և հպատակը, – բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:
«Այդ ինչպե՞ս ճանաչեց, – անցավ Փոքրիկ իշխանի մտքով, – չէ՞ որ նա ինձ առաջին անգամ է տեսնում»:
Նա չգիտեր, որ թագավորները աշխարհին շատ հասարակ հայացքով են նայում: Նրանց համար բոլոր մարդիկ հպատակներ են:
– Արի մոտիկ, ուզում եմ քեզ լավ տեսնել, – ասաց թագավորը սարսափելի հպարտ, որ կա մեկը, որի համար նա կարող է թագավոր լինել:
Փոքրիկ իշխանը շուրջը նայեց մի որևէ տեղ գտնելու հույսով, բայց թագավորի կնգումե հոյակապ պատմուճանը ծածկել էր ամբողջ մոլորակը: Եվ նա նման կանգնաշ ու քանի որ շատ էր հոգնած, հորանջեց.
– Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, – ասաց թագավորը: – Ես քեզ արգելում եմ հորանջել:
– Ես չկարողացա ինձ զսպել, – շփոթված ասաց Փոքրիկ իշխանը: – Ես երկար ճանապարհ եմ անցել և բոլորովին չեմ քնել...
– Որ այդպես է, ես քեզ հրամայում եմ հորանջել. – ասաց թագավորը: – Ես շատ վաղուց է, որ չեմ տեսել, թե ինչպես ես հորանջում: Ինձ համար դա նույնիսկ հետաքրքիր է: Այսպես ուրեմն, հորանջի՛ր: Այդպես է իմ կամքը:
– Բայց... ես քաշվում եմ... ես այլևս չեմ կարող... – շշնջաց Փոքրիկ իշխանն ու ամբողջովին կարմրեց:
– Հըմ, հըմ... Այդ դեպքում... այդ դեպքում ես կարգադրում եմ մերթ հորանջել, մերթ...
Թագավորը շփոթվեց և նույնիսկ, կարծես թե, ջղայնացավ: Չէ՞ որ թագավորի համար ամենակարևորն այն է, որ առանց խոսքի ենթարկվեն իրեն: Անհնազանդություն նա չէր հանդուրժի: Դա մի բացարձակ միապետ էր: Բայց նա շատ բարի էր, դրա համար էլ միայն խելացի հրամաններ էր տալիս: «Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ, – ասում էր թագավորը, – ու եթե գեներալը հրամանը չկատարի, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է»:
– Կարելի՞ է նստել, – անհամարձակ ասաց Փոքրիկ իշխանը:
– Հրամայում եմ, նստի՛ր, – պատասխանեց թագավորը և վեհապանծ շարժումով վեր քաշեց իր կնգումե պատմուճանի մի քղանցքը:
Բայց Փոքրիկ իշխանը մի բան չէր կարողանում հասկանալ: Այսքան փոքր մոլորակի վրա ի՞նչ է կառավարում թագավորը:
– Ձերդ մեծություն, – սկսեց նա, – կարո՞ղ եմ մի հարց տալ...
– Հրամայում եմ, հարցրո՛ւ, – շտապ ասաց թագավորը:
– Ձերդ մեծություն... դուք ի՞նչ եք կառավարում...
– Ամեն ինչ, – ուղղակի պատասխանեց թագավորը:
– Ամեն ի՞նչ...
Թագավորը, համեստորեն ձեռքը շարժելով, ցույց տվեց իր մոլորակը, ինչպես նաև մյուս մոլորակներն ու աստղերը:
– Եվ այս բոլորը դո՞ւք եք կառավարում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Այո, – պատասխանեց թագավորը:
Նա այդպես ասաց, որովհետև իրոք լիիրավ միապետ էր և ոչ մի սահման ու սահմանափակում չէր ճանաչում:
– Եվ աստղերը ձեզ ենթարկվո՞ւմ են, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Դե իհարկե, – պատասխանեց թագավորը: – Աստղերն անմիջապես ենթարկվում են. ես անհնազանդություն չեմ հանդուրժում:
Փոքրիկ իշխանը հիացած էր: Ա՛յ, եթե ինքը նման հզորություն ունենար: Այն ժամանակ ոչ թե քառասունչորս, այլ յոթանասուներկու, նույնիսկ հարյուր անգամ կդիտեր վերջալույսը և այն էլ առանց աթոռը տեղից շարժելու: Այստեղ նա նորից հիշեց իր լքված մոլորակը, տխրեց և սիրտ անելով՝ թագավորին խնդրեց.
– Ես կուզենայի վերջալույս տեսնել... խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևին, որ մայր մտնի...
– Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:
– Դուք, ձերդ մեծություն, – առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:
– Միանգամայն ճիշտ է, – հաստատեց թագավորը: – Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:
– Իսկ վերջալո՞ւյսը... – հիշեցրեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ նա հարցներ, այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար:
– Վերջալույս էլ կլինի, մի՛ վախենա: Ես կպահանջեմ, որ արևը մայր մտնի: Բայց նախ կսպասեմ, որ դրա համար բարենպաստ պայմաններ լինեն, քանի որ դրանից է երևում, թե որքանով է իշխողը իմաստուն:
– Իսկ ե՞րբ բարենպաստ պայմաններ կլինեն, – ուզեց տեղեկանալ Փոքրիկ իշխանը:
– Հը՜մ... հը՜մ... – հաստափոր օրացույցը թերթելով՝ պատասխանեց արքան: – Դա կլինի... հըմ... հըմ... այսօր, դա կլինի ժամը յոթն անց քառասուն րոպեին: Այդ ժամանակ դու կտեսնես, թե որքան ճշգրիտ են կատարում իմ հրամանները: Փոքրիկ իշխանը հորանջեց: Ափսոս, որ այստեղ վերջալույսը չեն կարող տեսնել երբ որ ցանկանաս: Եվ, ճիշտն ասած, նա արդեն սկսեց մի քիչ ձանձրանալ:
– Իմ գնալու ժամանակն է, – ասաց նա թագավորին: – Այլևս անելիք չունեմ ես այստեղ:
– Մնա, – ասաց թագավորը. նա շատ հպարտ էր, որ հպատակ է ձեռք գցել և չէր ուզում նրանից բաժանվել: – Մնա, ես քեզ նախարար կնշանակեմ:
– Ինչի՞ նախարար:
– Ասենք... արդարադատության:
– Չէ՞ որ այստեղ մարդ չկա, որ դատեմ:
– Ո՞վ գիտե, – առարկեց թագավորը: – Ես դեռ իմ ամբողջ թագավորությունը լավ չեմ ստուգել: Ես շատ ծեր եմ, տեղս էլ փոքր է կառք պահելու համար, իսկ ոտքով քայլելը շատ է հոգնեցուցիչ:
Փոքրիկ իշխանը կռացավ և նայեց մոլորակի մյուս կողմը:
– Բայց ես արդեն նայեցի, – բացականչեց նա, – այնտեղ նույնպես ոչ ոք չկա:
– Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, – ասաց թագավորը: – Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:
– Ես ինձ որտեղ ասես կարող եմ դատել: Դրա համար չարժե, որ ապրեմ այստեղ, – ասաց Փոքրիկ իշխանը:
– Հը՜մ... հը՜մ... – ասաց թագավորը: – Ինձ թվում է, թե իմ մոլորակի վրա ինչ-որ մի տեղ պառավ առնետ է ապրում: Գիշերները ես լսում եմ, թե նա ինչպես է ճանկռոտում: Դու կարող էիր այդ պառավ առնետին դատել: Մեկ - մեկ դու նրան մահվան դատապարտիր: Նրա կյանքը քեզանից կլինի կախված: Իսկ հետո պետք է նրան ամեն անգամ ներում շնորհել: Պետք է խնայել պառավ առնետին, չէ՞ որ նա միակն է մեզ մոտ:
– Ես չեմ սիրում մահվան դատավճիռ արձակել, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ընդհանրապես... իմ գնալու ժամանակն է:
– Չէ՛, ժամանակը չէ, – առարկեց արքան:
Փոքրիկ իշխանն արդեն ճամփա էր ընկնում, բայց չէր ուզում ծեր միապետին վշտացնել:
– Եթե ձերդ մեծությունն ուզում է, որ իր հրամանները կատարվեն, – ասաց նա, – պետք է ողջամիտ հրամաններ տա: Օրինակ՝ դուք կարող եք ինձ հրամայել անհապաղ ճանապարհ ընկնել: Ինձ թվում է՝ դրա համար հիմա շատ բարենպաստ պայմաններ կան...
Թագավորը չէր պատասխանում, և Փոքրիկ իշխանը անվճռականորեն մի քիչ էլ կանգ առավ, հետո հառաչեց ու ճանապարհ ընկավ:
– Քեզ դեսպան եմ նշանակում, – նրա հետևից շտապ ձայն տվեց թագավորը:
Եվ նրա տեսքն այդ րոպեին այնպիսին էր, կարծես նա ոչ մի առարկություն հանդուրժել չէր կարող:
«Տարօրինակ մարդիկ են այս մեծահասակները», – ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը՝ ճանապարհը շարունակելով:
XI
Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:
– Օ՜, ահա և երկրպագու հայտնվեց, – հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց նա: Չէ՞ որ սնապարծ մարդկանց միշտ թվում է, թե բոլորը հիացած են իրենցով:
– Բարի օր, ասաց Փոքրիկ իշխանը: – Ինչ հետաքրքիր գլխարկ ունեք:
– Սա նրա համար է, որ տամ, – բացատրեց փառասերը, – տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար այստեղ ոչ ոք չի գալիս:
– Ահա թե ի՜նչ, – շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ:
– Հապա մի ծափ տուր, – ասաց փառասերը:
Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն տալ: «Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի
մոտ», – մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը, նորից գլխարկը հանելով, խոնարհվեց: Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:
– Իսկ ի՞նչ է պետք անել, որ գլխարկը ընկնի, – հարցրեց նա:
Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:
– Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես, – Փոքրիկ իշխանին հարցրեց նա:
– Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:
– Երկրպագել, այդ նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստը և ամենից խելոքը:
– Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:
– Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար միևնույն է, հիացիր ինձանով:
– Ես հիանում եմ, – ուսերը թոթվելով՝ ասաց Փոքրիկ իշխանը, – բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:
Եվ նա փառասերի մոտից փախավ:
«Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են», – պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:
XII
Հետևյալ մոլորակի վրա հարբեցողն էր ապրում: Փոքրիկ իշխանը նրա մոտ շատ քիչ մնաց, բայց անչափ տխրեց: Երբ նա հայտնվեց այդ մոլորակի վրա, հարբեցողը լուռ նստել ու նայում էր առջևում շարված դատարկ ու լիքը շշերի բանակին:
– Այդ ի՞նչ ես անում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Խմում եմ, – մռայլ պատասխանեց հարբեցողը:
– Ինչո՞ւ:
– Որպեսզի մոռանամ:
– Ի՞նչը մոռանաս, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
Նա սկսել էր խղճալ հարբեցողին:
– Ուզում եմ մոռանալ, որ ամոթ է, – խոստովանեց հարբեցողը ու գլուխը խոնարհեց:
– Իսկ ինչո՞ւ է ամոթ, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Ամոթ է, որ խմում եմ, – բացատրեց հարբեցողն, ու այլևս նրանից հնարավոր չէր ոչ մի խոսք կորզել:
Եվ Փոքրիկ իշխանը շիվար ու տարակուսանքով լի շարունակեց իր ճամփան:
«Այո՛, անկասկած, մեծահասակները շա՜տ, շա՜տ տարօրինակ մարդիկ են», – մտածեց նա:
XIII
Չորրորդ մոլորակը պատկանում էր մի գործարար մարդու: Նա այնքան զբաղված էր, որ երբ Փոքրիկ իշխանը հայտնվեց, գլուխն անգամ չբարձրացրեց:
– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը, – ձեր ծխախոտը հանգել է:
– Երեքին գումարած երկու՝ հինգ: Հինգին գումարած յոթ՝ տասներկու: Բարի օր: Տասնհինգ, յոթ էլ՝ քսաներկու: Քսաներկու, վեց էլ, հավասար է քսանութի: Ժամանակ չունեմ լուցկի վառելու: Քսանվեցին գումարած հինգ հավասար է երեսունմեկի: Ո՜ւֆ... այսպիսով, ընդամենը հինգ հարյուր միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ:
– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ...
– Ի՞նչ... Դու այստե՞ղ ես: Հինգ հարյուր միլիոն... արդեն չեմ հիշում, թե ինչ... Ես այնքան գործ ունեմ... ես լուրջ մարդ եմ, շաղարատելու ժամանակ չունեմ... երկուս, հինգ էլ՝ յոթ...
– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ... – կրկնեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ հարցներ, նա այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար: Գործարար մարդը գլուխը բարձրացրեց.
– Արդեն հիսունչորս տարի է, ինչ ես ապրում եմ այս մոլորակի վրա, և այդ ընթացքում ինձ միայն երեք անգամ են խանգարել: Առաջին անգամ՝ քսաներկու տարի սրանից առաջ, չգիտես որտեղից հայտնվեց մի մայիսյան բզեզ: Նա սարսափելի աղմուկ բարձրացրեց, և ես գումարման ժամանակ չորս սխալ արեցի: Երկրորդ անգամ՝ տասնմեկ տարի առաջ, ռևմատիզմի նոպա ունեցա՝ նստակյաց կյանքից: Ես ման գալու ժամանակ չունեմ: Ես լուրջ մարդ եմ: Երրորդ անգամ... ահա սա... Այսպես, ուրեմն, հինգ հարյուր միլիոն...
– Միլիոն ի՞նչ...
Գործարար մարդը գլխի ընկավ, որ պետք է պատասխանի, թե չէ հանգիստ չի ունենա:
– Հինգ հարյուր միլիոն էն բաներից... որ օդում մեկ-մեկ երևում են...
– Դրանք ի՞նչ են, ճանճե՞ր...
– Դե չէ... փոքրիկ, փայլուն բաներ են...
– Մեղունե՞ր...
– Չէ՛, չէ՛... Այսպիսի փոքրիկ բաներ են... ոսկեգույն, ամեն մի ծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել: Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ:
– Աա՜, աստղեր:
– Ա՛յ, ա՛յ, աստղեր:
– Հինգ հարյուր միլիոն ա՞ստղ... իսկ ի՞նչ ես անում այդ աստղերը...
– Հինգ հարյուր մեկ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ: Ես լուրջ մարդ եմ, ես սիրում եմ, որ ամեն ինչ ճշգրիտ լինի:
– Ի՞նչ ես անում դու այդ բոլոր աստղերը:
– Ինչ եմ անո՞ւմ...
– Այո՛:
– Ոչինչ էլ չեմ անում: Ես տիրում եմ դրանց:
– Տիրում ես աստղերի՞ն:
– Այո՛:
– Բայց ես արդեն մի թագավոր եմ տեսել, որը...
– Թագավորները ոչնչի չեն տիրում... նրանք միայն կառավարում են... դա բոլորովին այլ բան է:
– Իսկ ինչի՞ համար ես տիրում աստղերին:
– Որպեսզի հարուստ լինեմ:
– Իսկ ինչո՞ւ ես ուզում հարուստ լինել:
– Որպեսզի էլի նոր աստղեր առնեմ, եթե որևէ մեկը նոր աստղեր հայտնաբերի:
«Սա իսկ և իսկ այն հարբեցողի նման է դատում», – մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ շարունակեց հարցնել.
– Իսկ աստղերին ինչպե՞ս են տիրում:
– Աստղերն ո՞ւմն են, – տհաճությամբ հարցրեց գործարարը:
– Չգիտեմ: Ոչ մեկինն էլ չեն:
– Ուրեմն իմն են, որովհետև ես առաջինն եմ այդ բանը մտածել:
– Եվ դա բավական է:
– Դե իհարկե: Եթե դու ալմաստ ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե դու մի կղզի ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե առաջին անգամ քո գլխում մի միտք է ծագում, դու նրա համար պատենտ ես վերցնում, և այն քոնն է: Ես աստղերին տիրում եմ, որովհետև ինձանից առաջ ոչ ոք գլխի չի ընկել, որ կարելի է նրանց տիրել:
– Ա՛յ դա ճիշտ է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ի՞նչ պիտի անես դու այդ աստղերը:
– Ինչ ուզենամ՝ կանեմ, – պատասպանեց գործարարը, – հաշվում եմ ու էլի կհաշվեմ: Դա շատ դժվար բան է: Բայց ես լուրջ մարդ եմ:
Սակայն Փոքրիկ իշխանի համար դա շատ քիչ էր:
– Եթե ես մետաքսե թաշկինակ ունենամ, կարող եմ կապել վզիս ու հետս տանել, – ասաց նա: – Եթե ես մի ծաղիկ ունենամ, կարող եմ պոկել ու հետս տանել: Բայց չէ՞ որ դու չես կարող աստղերը տանել:
– Չեմ կարող, բայց ես դրանք կարող եմ բանկ դնել:
– Այդ ինչպե՞ս:
– Շատ պարզ, թղթի վրա գրում եմ, թե որքան աստղ ունեմ: Հետո այդ թուղթը դնում եմ արկղի մեջ ու բանալիով փակում:
– Այդքա՞նը:
– Դա բավական է:
«Հետաքրքիր է, – մտածեղ Փոքրիկ իշխանը: – Եվ նույնիսկ բանաստեղծական է: Բայց այնքան էլ լուրջ բան չէ»:
Թե ինչն է լուրջ բան, ինչը՝ ոչ, Փոքրիկ իշխանը յուրովի էր հասկանում, ոչ այնպես, ինչպես մեծահասակները:
– Ես մի ծաղիկ ունեմ, – ասաց նա, և ես ամեն առավոտ ջրում եմ այն: Ես երեք հրաբուխ ունեմ, ամեն շաբաթ մաքրում եմ դրանք: Բոլորն էլ մաքրում եմ, հանգածը նույնպես: Դե, ինչ ասես կարող է պատահել: Եվ իմ հրաբուխների ու իմ ծաղկի համար օգտակար է, որ ես տիրում եմ նրանց: Իսկ աստղերը քեզանից ոչ մի օգուտ չեն ստանում...
Գործարար մարդը բերանը բաց արեց, բայց այդպես էլ չիմացավ, թե ինչ պատասխանի, և Փոքրիկ իշխանը շարունակեց իր ճամփան:
«Այո, մեծահասակներն իրոք զարմանալի մարդիկ են», – ճանապարհը շարունակելով՝ պարզամտորեն ասում էր նա ինքն իրեն:
XIV
Հինգերորդ մոլորակը բոլորից փոքր էր ու զվարճալի: Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում: Փոքրիկ իշխանը ոչ մի կերպ չէր հասկանում, թե երկնքում մոլորված այդ տուն ու բնակիչ չունեցող մոլորակիկի ինչին են պետք լապտերն ու լապտերավառը: Բայց նա մտածեց.
– «Գուցե այս մարդն էլ տարօրինակ է, բայց ավելի տարօրինակ չէ, քան թագավորը, փառասերը, գործարարն ու հարբեցողը: Նրա աշխատանքի մեջ
այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե
ծաղիկը կամ աստղը քուն են մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է»:
Եվ երբ հավասարվեց այդ մոլորակին, նա հարգանքով տվեց լապտերավառին:
– Բարի օր, – ասաց նա: – Ինչո՞ւ դու հիմա հանգցրիր քո լապտերը:
– Պայմանն այդպես է, – պատասխանեց լապտերավառը: – Բարի օր:
– Այդ ի՞նչ պայման է:
– Լապտերն հանգցնելու պայմանը: Բարի երեկո:
Եվ նա նորից լապտերը վառեց:
– Իսկ ինչո՞ւ դու նորից վառեցիր այն:
– Պայմանն այդպես է, – կրկնեց լապտերավառը:
– Չեմ հասկանում, – խոստովանեց Փոքրիկ իշխանը:
– Հասկանալու բան չկա, – ասաց լապտերավառը: – Պայմանը պայման է: Բարի օր:
Եվ լապտերը հանգցրեց: Հետո կարմիր վանդակավոր թաշկինակով ճակատի քրտինքը սրբեց ու ասաց.
– Ծանր է իմ արհեստը: Մի ժամանակ իմաստ ուներ այն: Առավոտները ես հանգցնում էի, իսկ երեկոները՝ վառում: Ես մի ամբողջ օր ունենում էի հանգստանալու և մի ամբողջ գիշեր՝ քունս առնելու համար...
– Իսկ հետո պայմանը փոխվե՞ց...
– Պայմանը չի փոխվել, – ասաց լապտերավառը: – Դժբախտությունն էլ հենց այդ է: Իմ մոլորակը տարին տարու վրա ավելի արագ է պտտվում, իսկ պայմանը մնում է նույնը:
– Իսկ ինչպե՞ս պիտի անենք, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Այսպես էլ պիտի անեմ: Մի րոպեում մոլորակը լրիվ պտույտ է անում, և ես շունչ քաշելու համար ոչ մի վայրկյան չունեմ: Ամեն րոպե ես լապտերը հանգցնում եմ ու հետո նորից վառում:
– Այ քեզ հետաքրքիր բան... Ուրեմն քեզ մոտ օրը տևում է միայն մի րոպե՞...
– Ոչ մի հետաքրքիր բան չկա այստեղ, – առարկեց լապտերավառը:
– Արդեն մի ամբողջ ամիս է, ինչ ես ու դու խոսում ենք:
– Մի ամբողջ ամի՛ս:
– Իհարկե: Երեսուն րոպե: Երեսուն օր: Բարի երեկո:
Եվ նա նարից լապտերը վառեց: Փոքրիկ իշխանը նայում էր լապտերավառին, որն այդքան հավատարիմ էր իր տված խոսքին: Եվ նա ավելի էր դուր գալիս Փոքրիկ իշխանին:
Փոքրիկ իշխանը հիշեց, թե ինչպես էր մի ժամանակ աթոռը տեղից տեղ շարժում վերջալույսը դիտելու համար: Եվ նա ուզեց օգնել բարեկամին:
– Լսի՛ր, – ասաց նա լապտերավառին: – Ես մի միջոց գիտեմ, դու կարող ես հանգստանալ որքան ուզես...
– Ես անընդհատ ուզում եմ հանգստանալ, – ասաց լապտերավառը:
– Չէ՞ որ կարելի է հավատարիմ մնալ տված խոսքին և միաժամանակ ծույլ լինել:
– Քո մոլորակն այնքան փոքր է, որ դու երեք քայլով կարող ես պտտվել նրա շուրջը, – շարունակեց իշխանը: – Եվ դու պարզապես պետք է շարժվես այնպիսի արագությամբ, որ միշտ մնաս արևի տակ: Երբ դու ուզենաս հանգստանալ, պարզապես պետք է գնաս ու գնաս..., և օրը կերկարի այնքան, որքան դու ուզում ես:
– Բայց դրանից ես օգուտ չեմ ստանա, – ասաց լապտերավառը: – Աշխարհում ես ամենից շատ սիրում եմ քնել:
– Որ այդպես է, վատ են քո գործերը, – ցավակցեց Փոքրիկ իշխանը:
– Վատ են գործերս, – հաստատեց լապտերավառը: – Բարի օր:
Եվ լապտերը հանգցրեց:
«Ահա մի մարդ, – ճանապարհը շարունակելով՝ ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, – ահա մի մարդ, որին բոլորը՝ և՛ թագավորը, և՛ հարբեցողը, և՛ գործարարը, և՛ սնապարծը, կատեին: Իսկ իմ կարծիքով այդ բոլորից միայն նա է, որ ծիծաղելի չէ: Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում՚՚ՙ»:
Փոքրիկ իշխանը հառաչեց:
«Ահա թե ում հետ ես կարող էի բարեկամանալ, – մտածեց նա, – բայց լապտերավառի մոլորակը շատ փոքրիկ է: Երկու հոգու տեղ չի անի»:
Նա չէր ուզում խոստովանել, որ այդ հիանալի մոլորակի համար ափսոսում է մի ուրիշ պատճառով ևս. Քսանչորս ժամում նա կարող էր վերջալույսը դիտել հազար չորս հարյուր քառասուն անգամ:
XV
Վեցերորդ մոլորակը նախորդից տասն անգամ մեծ էր: Նրա վրա մի ծերունի էր ապրում, որը հաստափոր գրքեր էր գրում:
– Նայեցե՛ք... ահա և ճանապարհորդը, – Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց ծերունին:
Փոքրիկ իշխանը նստեց սեղանի վրա, որպեսզի շունչ քաշի: Նա արդեն բավական շատ էր թափառել:
– Որտեղի՞ց ես գալիս, – հարցրեց ծերունին:
– Այդ ի՞նչ գիրք է այդքան մեծ, – հարցրեց Փոքրիկ իշխանը: – Ի՞նչ եք անում այստեղ:
– Ես աշխարհագրագետ եմ, – պատասխանեց ծերունին:
– Ի՞նչ բան է աշխարհագրագետը:
– Դա մի գիտնական է, որը գիտի, թե որտեղ են գտնվում ծովերը, քաղաքները, լեռներն ու անապատները:
– Ի՜նչ հետաքրքիր է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ա՛յ, դա իսկական գործ է:
Եվ նա մի հայացք գցեց աշխարհագրագետի մոլորակի վրա: Փոքրիկ իշխանը երբեք այդքան փառահեղ մոլորակ չէր տեսել:
– Ձեր մոլորակը շատ գեղեցիկ է, – ասաց նա: – Իսկ օվկիանոս դուք ունե՞ք...
– Դա ես չգիտեմ, – ասաց աշխարհագրագետը:
– Օհո՜,– ասաց Փոքրիկ իշխանը հիասթափված: – Իսկ լեռներ կա՞ն...
– Չգիտեմ, – կրկնեց աշխարհագրագետը:
– Իսկ քաղաքնե՞ր, գետե՞ր, անտառնե՞ր...
– Դա էլ չգիտեմ:
– Բայց չէ՞ որ դուք աշխարհագրագետ եք:
– Հենց բանն էլ այդ է, – ասաց ծերուկը: – ես աշխարհագրագետ եմ և ոչ թե ճանապարհորդ: Ես ճանապարհորդների խիստ կարիք եմ զգում: Չէ՞ որ աշխարհագրագետները չեն, որ պահում են քաղաքների, գետերի, լեռների, ծովերի, օվկիանոսների և անապատների հաշիվը: Աշխարհագրագետը շատ կարևոր դեմք է, նա թափառելու ժամանակ չունի: Նա իր առանձնասենյակից դուրս չի գալիս, բայց ընդունում է ճանապարհորդներին և նրանց պատմությունները գրի է առնում: Եվ եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ հետաքրքիր բան է պատմում, աշխարհագրագետը ստուգում է, թե կարգին մարդ է այդ ճանապարհորդը:
– Իսկ ինչո՞ւ:
– Ախր եթե ճանապարհորդը սկսի փչել, այն ժամանակ աշխարհագրության դասագրքերում ամեն ինչ իրար կխառնվի: Եվ եթե մի երկու բաժակ ավելի է խմել, էլի վատ է:
– Ինչո՞ւ...
– Որովհետև հարբեցողների աչքին ամեն բան զույգ է երևում: Եվ այնտեղ, ուր իրականում մի սար կա, աշխարհագրագետը երկուսը կնշի:
– Ես ճանաչում եմ մի մարդու, որից շատ վատ ճանապարհորդ դուրս կգար, – նկատեց Փոքրիկ իշխանը:
– Շատ հավանական է: Ուրեմն այսպես, եթե պարզվում է, որ ճանապարհորդը կարգին մարդ է, այն ժամանակ ստուգում են նրա հայտնագործությունը:
- Ինչպե՞ս են ստուգում: Գնում և նայո՞ւմ են...
– Չէ՛, ի՜նչ ես ասում: Դա շատ բարդ է: Ուղղակի պահանջում են, որ ճանապարհորդը ապացույցներ ներկայացնի: Օրինակ, եթե նա մեծ սար է հայտնագործել, թող այնտեղից մեծ-մեծ քարեր բերի:
Աշխարհագրագետը հանկարծ հուզվեց.
– Բայց չէ՞ որ դու էլ ես ճանապարհորդ: Հեռվից ես եկել: Պատմի՛ր ինձ քո մոլորակի մասին:
Եվ աշխարհագրագետը բաց արեց իր հաստափոր գիրքն ու մատիտը սրեց: Ճանապարհորդների պատմությունները նախ մատիտով են գրում և միայն հետո, երբ ճանապարհորդը ապացույցներ է բերում, կարելի է նրա պատմածը գրանցել թանաքով:
– Ես քեզ լսում եմ, – ասաց աշխարհագրագետը:
– Դե իմ մոլորակի վրա այնքան էլ հետաքրքիր բաներ չկան, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Իմ մոլորակի վրա ամեն ինչ փոքր է: Երեք հրաբուխ կա:
Երկուսը գործում են, իսկ մեկը վաղուց հանգած է: Բայց դե ո՞վ գիտե, մեկ էլ տեսար...
– Այո՛, ամեն ինչ կարող է պատահել, – հաստատեց աշխարհագրագետը:
– Հետո ես մի ծաղիկ ունեմ:
– Ծաղիկները մենք չենք նշում:
– Ինչո՞ւ... չէ՞ որ ծաղիկը ամենագեղեցիկ բանն է:
– Որովհետև ծաղիկները վաղանցիկ են:
– Ի՞նչ է նշանակում վաղանցիկ:
– Աշխարհագրության գրքերը աշխարհում ամենաթանկ գրքերն են, – բացատրեց աշխարհագրագետը: – Նրանք երբեք չեն հնանում: Չէ՞ որ քիչ է պատահում, որ սարը տեղից շարժվի, կամ, ասենք, օվկիանոսը ցամաքի: Մենք գրում ենք հավերժական և անփոփոխ առարկաների մասին:
– Բայց հանգած հրաբուխը կարող է նորից արթնանալ, – ընդհատեց Փոքրիկ իշխանը: – Իսկ ի՞նչ է նշանակում վաղանցիկ:
– Հանգել է հրաբուխը, թե գործում է, մեզ՝ աշխարհագրագետներիս համար նշանակություն չունի, – ասաց աշխարհագրագետը: – Կարևորը սարն է: Սարը չի փոխվում:
– Իսկ ի՞նչ է նշանակում «վաղանցիկ», – հարցրեց Փոքրիկ իշխանը, որը երբ մի հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար:
– Այդ նշանակում է այն, ինչը շուտով պիտի անհետանա:
– Իմ ծաղի՞կն էլ շուտով պիտի անհետանա:
– Հասկանալի է:
«Իմ ուրախությունն ու գեղեցկությունը հավիտենական չեն, – ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, – և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է: Իսկ ես նրան լքեցի ու նա մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա»:
Դա առաջին անգամ էր, որ նա ափսոսաց լքված ծաղկի համար: Բայց անմիջապես արիացավ:
– Դուք ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, ո՞ւր կարելի է գնալ, – հարցրեց նա աշխարհագրագետին:
– Այցելիր Երկիր մոլորակը, նա բավական լավ համբավ ունի, – պատասխանեց աշխարհագրագետը:
Եվ Փոքրիկ իշխանը ճամփա ընկավ, բայց նրա մտքերը լքված ծաղկի հետ էին...
XVI
Եվ այսպես, յոթերորդ մոլորակը, որ նա այցելեց, Երկիրն էր:
Երկիրը հասարակ մոլորակ չէ: Երկրի վրա հարյուր տասնմեկ թագավոր կա (այդ թվում, հասկանալի է, նաև նեգրական թագավորներ), յոթ հազար աշխարհագրագետ, ինը հարյուր հազար գործարար մարդ, յոթուկես միլիոն հարբեցող, երեք հարյուր տասնմեկ միլիոն փառասեր, ընդամենը մոտ երկու միլիարդ մեծահասակ մարդ:
Որպեսզի կարողանամ ձեզ հասկացնել, թե ինչքան մեծ է Երկիրը, ասեմ, որ քանի դեռ էլեկտրականությունը չէին հայտնաբերել, բոլոր վեց աշխարհամասերի վրա ստիպված լապտեր վառողների մի ամբողջ բանակ էին պահում՝ չորս հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր տասնմեկ մարդ: Եթե մարդ կարողանար հեռվից նայել, մի սքանչելի տեսարան կլիներ:
Այդ բանակի շարժումը ենթարկվում էր ճշգրիտ կարգի, ինչպես բալետում:
Նախ՝ հանդես էին գալիս Նոր Զելանդիայի և Ավստրալիայի լապտերավառները: Իրենց լապտերները վառելով՝ նրանք գնում էին քնելու: Նրանցից հետո գալիս էր Չինաստանի լապտերավառների հերթը: Իրենց պարը կատարելով՝ նրանք էլ էին կորչում վարագույրների հետևում: Հետո գալիս էր Ռուսաստանի և Հնդկաստանի լապտերավառների հերթը, ապա՝ Աֆրիկայի և Եվրոպայի: Սրանցից հետո հանդես էին գալիս Հյուսիսային Ամերիկայի լապտերավառները: Եվ նրանք երբեք չէին սխալվում: Ոչ ոք ուշացած չէր բարձրանում բեմ: Այո՛, դա հրաշալի էր:
Միայն այն լապտերավառը, որը պիտի վառեր հյուսիսային բևեռի միակ լապտերը, և հետո նրա բախտակիցը հարավային բևեռում, միայն նրանք էին կարողանում հեշտ ու հանգիստ ապրել: Նրանք իրենց գործով զբաղվում էին տարին երկու անգամ միայն:
XVII
Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի: Լապտերավառների մասին պատմելիս ես ճշմարտության դեմ մի փոքր մեղանչեցի: Վախենում եմ՝ ովքեր վատ գիտեն մեր մոլորակը, կարող են նրա մասին սխալ կարծիք կազմել: Մարդիկ երկրագնդի վրա այնքան էլ շատ տեղ չեն գրավում: Եթե նրա երկու միլիարդ բնակիչները հավաքվեն մի տեղ, ինչպես միտինգների ժամանակ, ապա նրանք հեշտությամբ կտեղավորվեին քսան մղոն երկարություն և քսան մղոն լայնություն ունեցող մի տարածության վրա: Ամբողջ մարդկությանը կարելի է կուտակել Խաղաղ օվկիանոսի ամենափոքրիկ մի կղզու վրա:
Մեծահասակները, իհարկե, ձեզ չեն հավատա: Նրանք երևակայում են, թե շատ տեղ են գրավում: Նրանք իրենց աչքում բաոբաբի նման խոշոր ու մեծասքանչ են երևում: Իսկ դուք խորհուրդ տվեք, որ ճիշտ հաշվեն: Դա նրանց դուր կգա, չէ՞ որ նրանք պաշտում են թվերը: Դե, դուք այդ թվաբանության վրա ժամանակ չեք կորցնի: Դուք առանց այդ էլ հավատում եք ինձ:
Այսպես ուրեմն, երկրագնդի վրա ընկնելով՝ Փոքրիկ իշխանը ոչ մի մարդ չտեսավ, և դա նրան շատ զարմացրեց: Նա նույնիսկ մտածեց, թե սխալմամբ թռել է մի ուրիշ մոլորակի վրա: Բայց հենց այդ ժամանակ ավազի վրա լուսնի ճառագայթի նման մի օղակ շարժվեց:
– Բարի երեկո, – համենայն դեպս ասաց Փոքրիկ իշխանը:
– Բարի երեկ, – ասաց օձը:
– Այս ի՞նչ մոլորակ եմ ես ընկել:
– Երկրագունդն է, – ասաց օձը: – Դու Աֆրիկայում ես:
– Այ թե ի՜նչ: Իսկ ի՛նչ է, երկրագնդի վրա մարդիկ չկա՞ն:
– Սա անապատ է: Անապատներում ոչ ոք չի ապրում: Բայց երկրագունդը մեծ է:
Փոքրիկ իշխանը նստեց մի քարի վրա և հայացքը գցեց երկնքին:
– Կուզեի իմանալ, թե աստղերն ինչու են փայլում, – մտածկոտ ասաց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի:
Նայիր, ահա, իմ մոլորակը ուղիղ իմ գլխի վրա է, բայց ինչքա՜ն հեռու է այստեղից:
– Գեղեցիկ մոլորակ է, – ասաց օձը: – Իսկ դու ի՞նչ պիտի անես այստեղ՝ երկրագնդի վրա:
– Ես խռովել եմ իմ ծաղկից, – խոստովանեց Փոքրիկ իշխանը:
– Այ թե ի՜նչ...
Եվ երկուսն էլ լռեցին:
– Իսկ որտե՞ղ են մարդիկ, – վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը: – Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն:
– Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն, – նկատեց օձը:
Փոքրիկ իշխանը ուշադիր նայեց նրան:
– Տարօրինակ արարած ես դու, – ասաց նա: – Մատիս հաստությունը հազիվ ունենաս:
– Բայց իմ մեջ ավելի շատ հզորություն կա, քան նույնիսկ թագավորի մատի մեջ, – առարկեց օձը:
Փոքրիկ իշխանը ժպտաց:
– Մի՞թե դու այդքան հզոր ես: Դու նույնիսկ թաթեր չունես: Դու նույնիսկ ճանապարհորդել չես կարող...
– Քեզ ուզածդ նավից ավելի հեռուն կարող եմ տանել ես, – ասաց օձը:
Եվ ոսկե ապարանջանի նման փաթաթվեց Փոքրիկ իշխանի ոտքի կոճիկին:
– Ում որ ես դիպչեմ, կվերադարձնեմ այն հողին, որից որ նա ծնվել է, – ասաց օձը: – Բայց դու մաքուր ես, անբասիր, աստղերից ես իջել...
Փոքրիկ իշխանը չպատասխանեց:
– Ես քեզ խղճում եմ, – շարունակեց օձը: – Դու այս գրանիտի նման չոր ու կոպիտ երկրի համար շատ ես թույլ: Այն օրը, երբ դու դառնորեն զղջաս քո մոլորակը թողնելու համար, ես քեզ կարող եմ օգնել: Ես կարող եմ...
– Ես քեզ շատ լավ հասկացա, – ասաց Փոքրիկ իշխանը: – Բայց դու ինչո՞ւ ես միշտ հանելուկներով խոսում:
– Ես լուծում եմ բոլոր հանելուկները:
Եվ երկուսն էլ լռեցին:
XVIII
Փոքրիկ իշխանը կտրեց անցավ ամբողջ անապատը, բայց ոչ ոքի չհանդիպեց: Ամբողջ ճանապարհին նա միայն մի ծաղիկ տեսավ, մի եռաթերթ, շատ փոքրի ծաղիկ...
– Բարև, – ասաց նրան Փոքրիկ իշխանը:
– Բարև, – պատասխանեց ծաղիկը:
– Որտե՞ղ են մարդիկ, – քաղաքավարի հարցրեց Փոքրիկ իշխանը:
Ծաղիկը մի անգամ քարավան էր տեսել, որն անցել էր իր մոտով:
– Մարդի՞կ... Ախ, այո... Նրանք, կարծեմ, ընդամենը վեց թե յոթ հոգի են: Ես նրանց տեսել եմ շատ տարիներ առաջ: Բայց թե որտեղ կարելի է նրանց հիմա գտնել, հայտնի չէ: Քամին նրանց քշում, տանում է: Նրանք արմատներ չունեն, և դա շատ մեծ անհարմարություն է:
– Մնաս բարով, – ասաց Փոքրիկ իշխանը:
– Գնաս բարով, – ասաց ծաղիկը:
XIX
Փոքրիկ իշխանը ելավ մի բարձր սարի վրա: Մինչ այդ նա երբեք սար չէր տեսել, բացի իր երեք հրաբուխներից, որոնք հազիվ նրա ծնկներին էին հասնում: Հանգած հրաբուխը նրան աթոռի տեղ էր ծառայում: Իսկ այժմ Փոքրիկ իշխանը մտածում էր. «Այսքան բարձր սարից ես այս ամբողջ մոլորակը և նրա վրայի բոլոր մարդկանց կտեսնեմ»:
Բայց նա ասեղի նման բարակ ու սուր ժայռեր տեսավ միայն: Համենայն դեպս նա ասաց.
– Բարի օր:
– Բարի օ՜ր... օ՜ր... օ՜ր... – լսվեց արձագանքը.
– Ովքե՞ր եք դուք, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Ովքե՜ր եք... ովքե՜ր եք... ովքե՜ր եք... – նորից արձագանքեցին լեռները:
– Եկեք բարեկամանանք, ես բոլորովին մենակ եմ, – ասաց Փոքրիկ իշխանը:
– Մենա՜կ... մենա՜կ... մենա՜կ... – արձագանքեցին լեռները:
«Ի՜նչ տարօրինակ մոլորակ է, – մտածեց Փոքրիկ իշխանը: – Բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով: Մարդիկ էլ երևակայություն չունեն... Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են... Տանը ես մի ծաղիկ ունեի, որն իմ ուրախությունն էր ու գեղեցկությունը, և նա միշտ առաջինն էր խոսում»:
XX
Երկար քայլեց Փոքրիկ իշխանը ավազների, ժայռերի ու ձյան միջով, մինչև որ դուրս եկավ մի ճանապարհ: Իսկ բոլոր ճանապարհները, հայտնի է, տանում են մարդկանց մոտ:
– Բարի օր, – ասաց նա:
Նրա առաջ վարդերով ծածկված մի պարտեզ էր:
– Բարի օր, – արձագանքեցին վարդերը:
Եվ Փոքրիկ իշխանը տեսավ, որ նրանք բոլորն էլ նման են իր ծաղկին:
– Ովքե՞ր եք դուք, – զարմանքից քար կտրած՝ հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Մենք վարդեր ենք, – պատասխանեցին նրանք:
– Ահա թե ի՜նչ... – շշնջաց Փոքրիկ իշխանը:
Եվ իրեն շատ-շատ դժբախտ զգաց: Նրա գեղեցկուհին ասում էր, որ իր նմանը ամբողջ տիեզերքում չկա: Եվ ահա միայն մի այգում ճիշտ և ճիշտ իր ծաղկի նման հինգ հազար ծաղիկ կա:
«Ինչքան կջղայնանար, եթե տեսներ այս տեսարանը, – մտածեց Փոքրիկ իշխանը: – Նա կսկսեր սարսափելի հազալ ու ցույց կտար, թե մեռնում է, միայն թե ծիծաղելի չերևար: Իսկ ես ստիպված պիտի խնամեի նրան, ինչպես հիվանդին են խնամում, թե չէ նա իսկապես կմեռներ, միայն թե ինձ կստորացներ»: –Իսկ հետո նա մտածեց. «Իսկ ես կարծում էի, թե աշխարհում միակ ծաղկի տերն եմ, մի այնպիսի ծաղկի, որի նմանը ոչ ոք չունի, այնինչ դա ամենասովորական մի ծաղիկ է եղել: Ընդամենը ես ունեցել եմ մի հասարակ վարդ և իմ ծնկներին հասնող երեք հրաբուխ, որոնցից մեկը հանգել է և գուցե՝ ընդմիշտ... դրանից հետո ես էլ ի՞նչ իշխան եմ...»:
Նա պառկեց խոտերի վրա ու լաց եղավ:
XXI
Հենց այստեղ էլ հայտնվեց աղվեսը:
– Բարև, – ասաց նա:
– Բարև, – քաղաքավարի պատասխանեց Փոքրիկ իշխանը՝ գլուխը շուռ տալով: Բայց նա ոչ ոքի չտեսաց:
– Ես այստեղ եմ, – նորից լսվեց ձայնը: – Խնձորենու տակ...
– Դու ո՞վ ես, – հարցրեց Փոքրիկ իշխանը: – Ինչքան սիրո՜ւն ես...
– Ես աղվեսն եմ, – ասաց աղվեսը:
– Մի քիչ խաղա ինձ հետ, – խնդրեց Փոքրիկ իշխանը, – ես շատ տխուր եմ:
– Ես քեզ հետ խաղալ չեմ կարող, – պատասխանեց աղվեսը, – ես ընտելացած չեմ:
– Ախ, ների՛ր, – ասաց Փոքրիկ իշխանը:
Հետո մի փոքր մտածելով՝ հարցրեց.
– Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:
– Դու տեղացի չես երևում, – նկատեց աղվեսը: – Ի՞նչ ես փնտրում այստեղ:
– Մարդկանց եմ փնտրում, – պատասխանեց Փոքրիկ իշխանը: – Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:
– Մարդիկ հրացան ունեն և որսի են դուրս գալիս: Դա շատ անհարմար բան է: Հետո՝ նրանք հավ են պահում: Նրանց լավն էլ միայն այդ է: Դու հա՞վ ես փնտրում:»
– Ո՛չ, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ես բարեկամ եմ փնտրում: Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:
– Դա վաղուց մոռացված հասկացողություն է, – բացատրեց աղվեսը: – Դա նշանակում է՝ կապվել մեկի հետ...
– Կապվե՞լ...
– Հենց բանն էլ այդ է, – ասաց աղվեսը: – Դու ինձ համար առայժմ միայն մի փոքրիկ տղա ես, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր տղաները:
Եվ դու ինձ պետք չես: Ես էլ քեզ պետք չեմ: Ես քեզ համար ընդամենը մի սովորական աղվես եմ, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր աղվեսները: Բայց եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը...
– Ես սկսում եմ հասկանալ, – ասաց Փոքրիկ իշխանը: – Մի վարդ կար... որը երևի ինձ ընտելացրել էր...
– Շատ հավանական է, – համաձայնեց աղվեսը: – Երկրի վրա ինչեր ասես, որ չեն լինում:
– Դա երկրի վրա չէր. – ասաց Փոքրիկ իշխանը:
Աղվեսը շատ զարմացավ:
– Ուրիշ մոլորակի վրա...
– Այո՛:
– Իսկ այդ մոլորակի վրա որսորդներ կա՞ն:
– Ո՛չ:
– Ինչ հետաքրքիր է: Իսկ հավ կա՞:
– Ո՛չ:
– Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում, – հառաչեց աղվեսը:
Բայց հետո նա նորից խոսեց նույն բանի մասին.
– Իմ կյանքը ձանձրալի է անցնում: Ես հավ եմ որսում, իսկ մարդիկ որսում են ինձ: Բոլոր հավերը մեկ են, և մարդիկ էլ մեկ են: Եվ իմ կյանքը ձանձրալի է: Բայց եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը, ոնց որ արևից, կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից: Եվ հետո նայիր... Տեսնո՞ւմ ես, այնտեղ՝ արտերի մեջ, հասնում է ցորենը: Ես հաց չեմ ուտում: Հասկերն ինձ պետք չեն: Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա շատ տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը...
Աղվեսը լռեց ու երկար ժամանակ նայում էր Փոքրիկ իշխանին: Հետո ասաց.
– Խնդրում եմ, ընտելացրու ինձ:
– Ես ուրախությամբ այդ կանեի, – պատասխանեց Փոքրիկ իշխանը, – բայց ես այնքան քիչ ժամանակ ունեմ... Ես դեռ բարեկամներ պիտի փնտրեմ և նրանցից դեռ ուրիշ շատ բաներ պիտի իմանամ:
– Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել,– ասաց աղվեսը: – Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ:
– Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Հարկավոր է համբերություն ունենալ, – պատասխանեց աղվեսը: – Նախ՝ նստիր այնտեղ՝ խոտի վրա, այ, այդպես: Ես քեզ վրա ծուռ-ծուռ կնայեմ, բայց դու սուս մնա: Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն: Նստիր այնտեղ, բայց օր օրի վրա մի փոքր մոտեցիր...
Հաջորդ օրը Փոքրիկ իշխանը նորից եկավ նույն տեղը:
– Ավելի լավ է միշտ նույն ժամին արի, – խնդրեց աղվեսը: – Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը չորսին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Եվ որքան ավելի մոտենա նշանակված ժամը, այնքան ավելի երջանիկ կզգամ: Ժամը չորսին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը... Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը:
– Իսկ ի՞նչ բան է ծիսակատարություն, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Դա էլ վաղուց մոռացված բան է,– բացատրեց աղվեսը: – Դա մի բան է, որի շնորհիվ մի օրը այլևս նման չի լինում մյուս օրերին, ժամը՝ մյուս ժամերին: Այ, օրինակ, իմ որսորդները այսպիսի ծիսակատարություն ունեն. հինգշաբթի օրերը նրանք պարում են գյուղի աղջիկների հետ: Եվ ի՛նչ հիանալի օր է հինգշաբթին: Ես զբոսանքի եմ գնում և հասնում մինչև խաղողի այգիները: Իսկ եթե որսորդները պարեին երբ խելքները փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, և ես երբեք չէի հանգստանա:
Այսպես Փոքրիկ իշխանը աղվեսին ընտելացրեց: Եվ ահա հասավ հրաժեշտի ժամը:
– Ես լաց կլինեմ քեզ համար, – հառաչեց աղվեսը:
– Դու ես մեղավոր, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ես չէի ուզում, որ քեզ համար դժվար լինի, դու ինքդ խնդրեցիր, որ քեզ ընտելացնեմ:
– Այո, իհարկե, – ասաց աղվեսը:
– Բայց դու լավ կլինես:
– Այո՛, իհարկե:
– Նշանակում է, որ դու վատ ես զգում քեզ:
– Ո՛չ, – առարկեց աղվեսը: – Ես ինձ լավ եմ զգում: Հիշիր, թե քեզ ինչ էի ասում ոսկե հասկերի մասին:
Նա լռեց: Հետո ավելացրեց.
– Գնա, մի անգամ էլ նայիր վարդերին: Դու կհասկանաս, որ քո վարդը աշխարհում միակն է: Իսկ երբ վերադառնաս ինձ հրաժեշտ տալու, ես քեզ մի գաղտնիք կասեմ: Դա կլինի իմ նվերը քեզ:
Փոքրիկ իշխանը գնաց վարդերին նայելու:
– Դուք բոլորովին նման չեք իմ վարդին, – ասաց նա: – Դուք դեռ ոչինչ եք: Ոչ ոք ձեզ չի ընտելացրել, և դուք ոչ ոքի չեք ընտելացրել: Առաջ իմ աղվեսն էլ ձեզ նման էր: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս հարյուրհազարավոր աղվեսներից: Բայց ես նրա հետ բարեկամացա, և հիմա նա միակն է ամբողջ աշխարհում:
Վարդերը շատ շփոթվեցին:
– Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ, – շարունակեց Փոքրիկ իշխանը: – Ձեզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել: Իհարկե, պատահական անցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է: Բայց ինձ համար մենակ նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ: Չէ՞ որ նրա՛ն և ոչ թե ձեզ էի ես ամեն օր ջրում: Նրա՛ն և ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում: Քամուց պաշտպանվելու համար նրան էի շիրմայով առանձնացնում: Նրա համար ես սպանեցի թրթուրներին և միայն երկու-երեք հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան: Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում և ինչպես է պարծենում, ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր: Նա իմն է:
Եվ Փոքրիկ իշխանը վերադարձավ աղվեսի մոտ:
– Մնաս բարով, – ասաց նա:
– Գնաս բարով, – ասաց աղվեսը: – Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է. միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:
– Ամենագլխավորը աչքով չես տեսնի, – կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:
– Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:
– Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին... – կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:
– Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, – ասաց աղվեսը: – Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:
– Ես իմ վարդի համար պատասխանատու եմ... – կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:
XXII
– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը:
– Բարի օր, – արձագանքեց սլաքավարը:
– Այդ ի՞նչ ես անում այստեղ, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Ուղևորներին եմ տեսակավորում, – պատասխանեց սլաքավարը: – Ամեն մի գնացքում հազար հոգի նստեցրած ուղարկում եմ մեկը՝ դեպի աջ, մեկը՝ ձախ:
Եվ այդ ժամանակ սլացավ-անցավ ճեպընթաց գնացքը՝ շողացնելով պատուհանների լույսերը: Սլաքավարի փոքրիկ տնակը ամբողջովին սկսեց ցնցվել:
– Ինչքա՜ն են շտապում, – զարմացավ Փոքրիկ իշխանը: – Ի՞նչ են փնտրում նրանք:
– Նույնիսկ ինքը՝ մեքենավարը, դա չգիտի, – ասաց սլաքավարը:
Այս անգամ էլ լույսերը շողացնելով՝ հակառակ կողմը սլացավ մի ուրիշ ճեպընթաց:
– Նրանք արդեն վերադառնո՞ւմ են, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Ո՛չ, սա ուրիշ է, – ասաց սլաքավարը: – Սա հանդիպակացն է:
– Նրանց համար վատ էր այնտեղ, որտեղ առաջ էին:
– Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք, – ասաց սլաքավարը:
Եվ շողալով ու դղրդալով անցավ երրորդ ճեպընթացը:
– Սրանք ուզում են հասնել այն առաջինների՞ն, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Նրանք ոչինչ էլ չեն ուզում, – ասաց սլաքավարը: – Նրանք վագոններում կամ քնած են, կամ նստած հորանջում են: Միայն երեխաներն են քթները հպել պատուհանների ապակիներին:
– Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին, և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնոմ, և եթե նրանցից տիկնիկը խլեն, երեխաները կսկեն լալ...
– Երջանիկ են նրանք, – ասաց սլաքավարը:
XXIII
– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը:
– Բարի օր, – պատասխանեց առևտրականը:
Նա ծարավը հագեցնող հաբեր էր վաճառում: Ով որ մի այդպիսի հաբ լուլ տար, հետո ամբողջ մի շաբաթ ջուր չէր խմի:
– Ինչի՞ համար ես դրանք վաճառում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Սրանք ահագին ժամանակ են խնայում, – պատասխանեց առևտրականը: – Մասնագետների հաշվարկներով՝ կարելի է շաբաթական հիսուներեք րոպե խնայել:
– Իսկ ի՞նչ պիտի անեն այդ հիսուներեք րոպեում:
– Ինչ ուզես:
«Ես որ հիսուներեք րոպե ազատ ժամանակ ունենայի, ուղղակի կգնայի աղբյուրը՝ ջուր խմելու...»:
XXIV
Այն օրից, ինչ ես վթարի էի ենթարկվել, անցել էր ուղիղ մեկ շաբաթ և լսելով հաբ վաճառողի պատմությունը՝ ես խմեցի իմ վերջին կում ջուրը:
– Այո՛,– ասացի Փոքրիկ իշխանին, – այն, ինչ դու պատմում ես, շատ հետաքրքիր է, բայց ես դեռ չեմ նորոգել իմ օդանավը, ոչ մի կաթիլ ջուր չունեմ այլևս, և ես նույնպես երջանիկ կլինեի, եթե ուղղակի աղբյուր գնալու ժամանակ ունենայի:
– Այն աղվեսը, որի հետ ես բարեկամացա...
– Սիրելի՛ս, ես հիմա քո աղվեսի մասին լսելու ժամանակ չունեմ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև ստիպված պիտի ծարավից մեռնեմ...
Նա չհասկացավ, թե ինչ կապ կա աղվեսի և ծարավից մեռնելու մեջ, և առարկեց.
– Նույնիսկ երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա: Ա՛յ, ես շատ ուրախ եմ, որ բարեկամացել եմ աղվեսի հետ...
«Նա չի հասկանում, թե վտանգն ինչքան մեծ է: Նա երբեք քաղց ու ծարավ չի զգացել: Նրան բավականացնում է անգամ արևի մի ճառագայթը»:
Ես սա բարձրաձայն չասեցի, այլ միայն մտածեցի: Բայց Փոքրիկ իշխանը նայեց ինձ ու շշնջաց.
– Ես էլ եմ ուզում խմել... գնանք ջրհոր փնտրենք...
Ես ձեռքով մի հոգնած շարժում արեցի... Ի՞նչ օգուտ անծայր անապատում ենթադրաբար ջրհոր փնտրելուց: Բայց, այնուամենայնիվ, մենք ճամփա ընկանք:
Երկար ժամանակ մենք քայլում էինք լուռ: Վերջապես մթնեց, և աստղերն սկսեցին երկնքում մեկիկ-մեկիկ վառվել: Ծարավից ես տենդի մեջ էի ընկել, և ինձ թվում էր, թե երազիս մեջ եմ աստղերը տեսնում: Անընդհատ հիշում էի Փոքրիկ իշխանի խոսքերը, և ես նրան հարցրի.
– Ուրեմն դո՞ւ էլ գիտես, թե ինչ բան է ծարավը:
Բայց նա չպատասխանեց: Նա ուղղակի ասաց.
– Սրտին էլ է ջուր պետք:
Ես չհասկացա, բայց լռեցի: Ես գիտեի, որ պետք չի նրան հարցուփորձ անել: Նա հոգնեց: Նստեց ավազի վրա: Ես նստեցի նրա կողքին: Լռեցինք: Հետո նա ասաց.
– Աստղերը շատ գեղեցիկ են, որովհետև նրան վրա ինչ-որ մի տեղ կա մի ծաղիկ, թեև չի երևում...
– Այո, իհարկե, – ասացի ես՝ նայելով լուսնի լույսով լուսավորված ալիքվող ավազին:
– Անապատն էլ է գեղեցիկ, – ավելացրեց Փոքրիկ իշխանը:
– Դա ճիշտ է: Ինձ անապատը միշտ էլ դուր է եկել: Նստում ես ավազաթմբի վրա՝ ոչինչ չի երևում, ոչինչ չի լսվում: Բայց էլի լռության մեջ ինչ-որ բան շողում է...
– Գիտե՞ս ինչու է անապատը լավ, – ասաց նա: – Նրա մեջ ինչ-որ տեղերում աղբյուրներ են թաքնված...
Ես մնացի քարացած, հանկարծ հասկացա, թե ինչ է նշանակում ավաից բխող խորհրդավոր լույսը: Մի ժամանակ, երբ ես փոքրիկ տղա էի, ապրում էի մի հին, շատ հին տան մեջ: Պատմում էին, թե այդ տանը գանձ կա թաքցրած: Հասկանալի է, որ այդպես էլ այդ գանձը ոչ ոք չգտավ, գուցե ոչ ոք երբեք էլ չէր փնտրել այն: Բայց դրա պատճառով տունը ոնց որ կախարդված լիներ: Այդ տունն իր սրտում գաղտնիք ուներ պահած...
– Այո, – ասացի ես: – Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամենագեղեցիկն այն է, որ աչքով չես տեսնի:
– Ես շատ ուրախ եմ, որ դու համաձայն ես իմ բարեկամ աղվեսի հետ, – արձագանքեց Փոքրիկ իշխանը:
Հետո նա քնեց: Ես նրան առա ձեռքերիս վրա ու շարունակեցի ճամփան: Ես հուզված էի: Ինձ թվում էր, թե փխրուն մի գանձ եմ տանում: Ինձ թվում էր, որ մեր Երկրի վրա նրանից ավելի փխրուն բան չկա:
Լուսնի լույսի տակ ես նայեցի նրա գունատ ճակատին, իրար միացած թարթիչներին, մազերի ոսկե փնջերին, որոնց հետ խաղում էր քամին, և ասում էի ինքս ինձ, որ այս բոլորը միայն պատյանն է: Ամենագլխավորը այն է, որ հասարակ աչքերով չես տեսնի...
Նրա կիսաբաց շրթունքները ժպիտից շարժվեցին, և ես ինձ ասացի էլի. «Ամենահուզիչ բանը այս քնած Փոքրիկ իշխանի մեջ ծաղկի նկատմամբ նրա հավատարմությունն է, այն վարդի կերպարը, որը կանթեղի նման շողում է նրա մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»: Եվ ես հասկացա, որ նա ավելի փխրուն է, քան թվում է: Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:
Այդպես ես գնացի և լուսադեմին հասա ջրհորին:
XXV
– Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, – ասաց Փոքրիկ իշխանը: – Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում...
Հետո ավելացրեց.
– Եվ իզուր...
– Այն ջրհորը, որ մենք գտանք, նման չէր Սահարայի մյուս ջրհորներին: Սովորաբար ջրհորներն այստեղ ուղղակի ավազի մեջ փորված փոսեր են: Դա մի իսկական գյուղական ջրհոր էր: Բայց մոտերքում ոչ մի գյուղ չկար, և ես մտածեցի, թե այդ բոլորը տեսնում եմ երազում:
– Ի՜նչ տարօրինակ է, – ասացի ես Փոքրիկ իշխանին, –այստեղ ամեն ինչ պատրաստել են՝ և՛ չարխը, և՛ դույլը, և՛ պարանը:
Նա ծիծաղեց, ձեռք տվեց պարանին, և սկսեց չարխը պտտել: Եվ չարխը ճռճռաց հին հողմաղացի նման, որը երկար ժամանակ քամի չլինելու պատճառով ժանգոտվել էր...
– Լսո՞ւմ ես, – ասաց Փոքրիկ իշխանը: – Մենք ջրհորին արթնացրինք, և նա երգեց...
Ես վախենում էի, թե նա կհոգնի:
– Ջուրը ես ինքս կհանեմ, – ասացի, – քեզ համար դժվար կլինի:
Ես դանդաղ դուրս քաշեցի դույլը և զգուշորեն դրեցի ջրհորի քարե եզրին: Իմ ականջներում հնչում էր չարխի ճռճռան երգը, դույլի մեջ ջուրը դեռ ծփում էր, և նրա մեջ թրթռում էին արևի շողքերը:
– Ես ուզում եմ այդ ջրից մի կում անել, – շշնջաց Փոքրիկ իշխանը: – Տուր մի քիչ խմեմ...
Եվ ես հասկացա, թե նա ինչ էր փնտրում:
Ես դույլը մոտեցրի նրա շրթունքներին: Նա խմում էր աչքերը փակ: Նրա համար դա ոնց որ ամենագեղեցիկ խնջույքը լիներ: Դա հասարակ ջուր չէր: Այդ ջուրը ծնվել էր աստեղրի տակով անցնող երկար ճանապարհից, չարխի ճռճռոցից և իմ ձեռքերի ճիգից:
Դա կարծես նվեր էր սրտի համար: Երբ ես փոքրիկ էի, ինձ համար այդպես շողում էին Սուրբ Ծննդյան տոնի նվերները՝ տոնածառի մոմերի փայլով, երգեհոնի կեսգիշերային նվագով և մեղմ ու հարազատ ժպիտներով:
– Քո մոլորակի վրա, – ասաց Փոքրիկ իշխանը, – մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում... և չեն գտնում այն, ինչ փնտրում են...
– Չեն գտնում, – համաձայնեցի ես:
– Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ, մի կում ջրի մեջ...
– Այո՛, իհարկե, – համաձայնեցի ես:
Եվ Փոքրիկ իշխանն ասաց.
– Բայց աչքերը կույր են: Հարկավոր է սրտով փնտրել:
Ես ջուր խմեցի: Շնչելը հեշտ էր: Լուսադեմին ավազը մեղրի նման ոսկեգույն է դառնում: Եվ ես դրանից էլ էի երջանիկ: Ինչո՞ւ պիտի ես տխրեի...
– Դու պիտի խոսքիդ տերը լինես, – նորից նստելով իմ կողքին՝ զուսպ ասաց Փոքրիկ իշխանը:
– Ո՞ր խոսքի:
– Հիշո՞ւմ ես, դու խոստացար... իմ գառնուկի համար դնչկալ... Չե՞ որ իմ ծաղկի համար պատասխանատու եմ:
Ես գրպանիցս հանեցի իմ գծանկարները: Փոքրիկ իշխանը նայեց ու ծիծաղեց:
– Քո բաոբաբները կաղամբի նման են:
Իսկ ես դեռ պարծենում էի իմ բաոբաբներով:
– Իսկ քո աղվեսի ականջները... ոնց որ եղջյուրներ լինեն: Եվ այնքա՜ն էլ երկար են:
Եվ նա նորից ծիծաղեց.
– Դու իրավացի չես, բարեկամ՛ս: Չէ՞ որ ես երբեք նկարել չեմ իմացել, բացի վիշապօձերից, որ նկարում էի ներսից ու դրսից:
– Դե ոչինչ, – հանգստացրեց նա ինձ, – երեխաները այդպես կհասկանան:
Եվ ես դնչկալ նկարեցի գառնուկի համար: Ես նկարը տվեցի Փոքրիկ իշխանին, ու սիրտս ճմլվեց:
– Դու ինչ-որ բան մտածեցիր, բայց ինձ չես ասում...
Բայց նա չպատասխանեց:
– Գիտե՞ս, – ասաց նա, – վաղը մի տարին կլրանա, ինչ ես ընկել եմ ձեզ մոտ՝ երկրագնդի վրա... Եվ լռեց: Հետո նա ավելացրեց.
– Ես այստեղ մոտերքում եմ ընկել...
Եվ կարմրեց:
Եվ նորից, աստված գիտե թե ինչու, նորից սրտիս վրա ինչ-որ բան ծանրացավ: Այնուամենայնիվ, ես հարցրի.
– Ուրեմն մի շաբաթ առաջ, այն առավոտ, երբ մենք ծանոթացանք, պատահական չէր, որ դու մեն-մենակ թափառում էիր այս կողմերում՝ մարդկանց բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու: Դու ուզում ես վերադառնալ այնտեղ, ուր ընկել էիր այն ժամանակ:
Փոքրիկ իշխանը ավելի կարմրեց:
Եվ ես անվճռական շարունակեցի.
– Գուցե այդ նրա համար, որ լրանում է տարի՞ն...
Եվ նորից նա կարմրեց: Նա չպատասխանեց իմ ոչ մի հարցին, բայց չէ՞ որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո», այդպես չէ՞...
– Ես սարսափում եմ, – հառաչելով սկսեցի ես:
Բայց նա ասաց.
– Արդեն ժամանակն է, որ դու գործի անցնես: Գնա քո մեքենայի մոտ: Ես քեզ այստեղ կսպասեմ: Արի վաղը երեկոյան:
Սակայն ես չհանգստացա: Ես հիշեցի աղվեսին: Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
XXVI
Ջրհորից ոչ հեռու քարե հնադարյան պատի փլատակներ կային: Մյուս երեկո, աշխատանքս ավարտելով, ես վերադարձ այդտեղ և դեռ հեռվից տեսա, որ Փոքրիկ իշխանը նստել է պատի վրա ու ոտքերը կախել ցած: Ես լսեցի նրա ձայնը.
– Մի՞թե դու չես հիշում, – ասում էր նա, – դա բոլորովին էլ այստեղ չէր:
Երևի ինչ-որ մեկը նրան պատասխանում էր, որովհետև նա առարկեց.
– Դե իհարկե, դա ուղիղ մի տարի առաջ էր, միայն թե ուրիշ տեղ էր...
Ես քայլերս արագացրի: Բայց պատի մոտ այլևս ոչ ոքի չէի տեսնում ու չէի լսում ոչ մի ձայն: Մինչդեռ Փոքրիկ իշխանը նորից պատասխանում էր ինչ-որ մեկին:
– Դե իհարկե, դու իմ հետքերը ավազի վրա կգտնես: Կգտնես ու ինձ կսպասես: Այս գիշեր ես այնտեղ կգամ:
Մինչև պատը մի քսան մետր էր մնացել, իսկ ես դեռ ոչ ոքի չէի տեսնում: Մի փոքր սպասելով՝ Փոքրիկ իշխանը հարցրեց.
– Իսկ քո թույնը լա՞վն է: Դու ինձ հո չես ստիպի, որ երկար տանջվեմ:
Ես կանգ առա, և իմ սիրտը կուչ եկավ, բայց դեռ չէի հասկանում:
– Իսկ հիմա գնա, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ես ուզում եմ ցած թռչել:
Այստեղ ես աչքերս ցած իջեցրի, և սիրտս ծառս եղավ: Պատի տակ, գլուխը Փոքրիկ իշխանի կողմը ձգած, օղակօղակ փաթաթվել էր մի դեղին օձ, այն օձերից, որոնց խայթոցը կես րոպեում սպանում է: Գրպանումս շոշափելով ատրճանակը՝ ես նետվեցի դեպի օձը, բայց իմ ոտնաձայներից նա, ինչպես մեռնող մի առվակ, կամաց ձգվեց ավազի վրա և մետաղե հազիվ լսելի զնգոցով կորավ քարերի մեջ: Ես վրա հասա ճիշտ ժամանակին և բռնեցի արդեն ցած ընկնող իմ Փոքրիկ իշխանին: Նա այնպես էր գունատվել, որ ձյան նման ճերմակել էր:
– Այդ ի՞նչ է մտել գլուխդ, պստի՛կս, – բացականչեցի ես: – Ինչո՞ւ ես դու օձերի հետ դնում:
– Ես քանդեցի նրա ոսկեգույն վզնոցը: Թրջեցի նրա քունքերն ու ստիպեցի, որ ջուր խմի: Բայց այլևս չհամարձակվեցի որևէ բան հարցնել: Նա լրջորեն նայեց ինձ ու ձեռքը գցեց վիզս: Ես լսեցի, թե ինչպես է նրա սիրտը վիրավոր թռչունի նման թպրտում: Նա ասաց.
– Ես շատ ուրախ եմ, որ դու գտար մեքենայիդ վթարի պատճառը:
– Հիմա դու կարող ես վերադառնալա տուն:
– Դու այդ որտեղի՞ց գիտես...
Ես հենց ուզում էի ասել, որ, հակառակ իմ սպասածի, ինձ հաջողվեց մեքենան կարգի գցել: Նա չպատասխանեց և միայն ասաց.
– Ես էլ այսօր կվերադառնամ տուն:
Հետո տխուր ավելացրեց.
– Իմը շատ ավելի հեռու է... և շատ ավելի դժվար...
Ամեն ինչ մի տեսակ տարօրինակ էր: Ես նրան այնպես էի գևրկել, կարծես նա մի փոքր երեխա էր, սակայն ինձ այնպես էր թվում, թե նա սահում է իմ գրկից, ընկնում է անդունդը, և ես, միևնույն է, ուժ չունեմ նրան պահելու... Նա մտածկոտ նայում էր հեռուն:
– Ինձ մոտ կմնա քո գառնուկը: Գառնուկի արկղն էլ, դնչկալն էլ...
Եվ նա տխուր ժպտաց:
Ես երկար սպասեցի: Նա կարծես թե ուշքի էր գալիս:
– Դու վախեցա՞ր, փոքրի՛կս...
Այդ էր մնացել, որ չվախենար: Բայց նա կամաց ծիծաղեց:
– Այսօր երեկոյան ինձ համար ավելի սարսափելի կլինի...
Եվ ես նորից սարսուռ զգացի մի անխուսափելի դժբախտության նախազգացումից: Մի՞թե... Մի՞թե... ես այլևս չեմ լսի, թե նա ինչպես է ծիծաղում: Նրա ծիծաղը ինձ համար կարծես թե անապատում բխող աղբյուր լիներ:
– Փոքրի՛կս, ես ուզում եմ լսել քո ծիծաղը...
– Ես շատ ուրախ եմ, որ դու գտար մեքենայիդ վթարի պատճառը:
Բայց նա ասաց.
– Այս գիշեր տարին կլրանա: Իմ աստղը կկանգնի իսկ և իսկ այն տեղի վրա, որտեղ որ ես ընկա մի տարի առաջ...
– Լսի՛ր, փոքրի՛կս, չէ՞ որ այդ բոլորը՝ և՛ օձը, և՛ ժամադրությունը աստղի հետ, ծանր երազ է միայն, այնպես չէ՞...
Բայց նա չպատասխանեց:
– Ամենագլխավորն այն է, որ մարդ աչքերով չի տեսնում, – ասաց նա:
– Այո՛, իհարկե...
– Ոնց որ ջուրը: Երբ դու ինձ տվեցիր խմելու, ջուրը կարծես երաժշտություն լիներ..., և դա չարխից ու պարանից էր... Հիշո՞ւմ ես, շատ լավն էր ջուրը:
– Այո՛, իհարկե...
– Գիշերները դու կնայես աստղերին: Իմ աստղը շատ փոքրիկ է, ես չեմ կարող քեզ ցույց տալ: Այդպես ավելի լավ է: Նա քեզ համար ուղղակի աստղերից մեկը կլինի: Եվ դու կսիրես աստղերին նայել... Նրանք բոլորը քո բարեկամները կդառնան: Եվ հետո ես քեզ մի բան կնվիրեմ...
Եվ նա ծիծաղեց:
– Ախ, ճուտիկ, ճուտիկ, ինչքան եմ սիրում քո ծիծաղը... – Ա՛յ, հենց դա էլ իմ նվերն է... Դա կլինի ոնց որ ջուրը... Ինչպե՞ս թե...
– Ամեն մարդ իր աստղն ունի: Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Գիտնականների համար դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն: Այն գործարար մարդու համար դրանք ոսկի էին: Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են: Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը...
– Ինչպե՞ս թե...
– Դու գիշերը կնայես երկնքին, իսկ չէ՞ որ այնտեղ կլինի մի աստղ, ուր ես եմ ապրում, ծիծաղում..., և դու կլսես, որ բոլոր աստղերը ծիծաղում են: Դու ծիծաղող աստղեր կունենաս...
Եվ նա ծիծաղեց:
– Եվ երբ դու մխիթարվես (վերջիվերջո բոլորն էլ մխիթարվում են), ուրախ կլինես, որ ինձ ճանաչել ես երբևէ: Դու միշտ իմ բարեկամը կլինես: Դու կուզենաս ինձ հետ ծիծաղել: Երբեմն, ա՛յ այսպես, պատուհանդ կբացես, ու քեզ համար հաճելի կլինի... Եվ քո բարեկամները կզարմանան, երբ տեսնեն, որ նայում ես երկնքին ու ծիծաղում... Իսկ դու նրանց կասես. «Այո, այո, ես միշտ ծիծաղում եմ, երբ նայում եմ երկնքին»: Եվ նրանք կկարծեն, թե դու խելքդ թռցրել ես: Ա՜յ թե ինչ խաղ կխաղամ ես քո գլխին...
Եվ նա նորից ծիծաղեց:
– Կարծես աստղերի փոխարեն ես քեզ բազմաթիվ ծիծաղող զանգակներ եմ նվիրել...
Եվ նա էլի ծիծաղեց: Հետո նորից լրջացավ:
– Գիտե՞ս... այս գիշեր... ավելի լավ է, չգաս:
– Ես քեզ մենակ չեմ թողնի:
Բայց նա ինչ-որ բանով մտահոգված էր:
– Գիտե՞ս ինչ... Ես օձի պատճառով եմ այդ ասում... Հանկարծ ու նա քեզ խայթի... Չէ՞ որ օձերը չար են: Որևէ մեկին խայթելը նրանց հաճույք է պատճառում:
– Ես քեզ մենակ չեմ թողնի:
Նա հանկարծ խաղաղվեց:
– Ասենք՝ նրա թույնը երկուսիս չի բավականացնի...
Այդ գիշեր ես չնկատեցի, թե նա ինչպես գնաց: Նա գնացել էր անաղմուկ: Երբ ես վերջապես հասա նրա հետևից, նա գնում էր արագ ու վճռական քայլերով:
– Աա՜, այդ դո՞ւ ես... – ասաց նա:
Եվ ձեռքս բռնեց: Բայց ինչ-որ բան նրան անհանգստացնում էր:
– Դու իզուր ես ինձ հետ գալիս: Քեզ համար ծանր կլինի ինձ նայելը: Քեզ կթվա, թե ես մեռնում եմ, բայց դա ճիշտ չէ...
Ես լուռ էի:
– Հասկանո՞ւմ ես... դա շատ հեռու է: Իմ մարմինը շատ ծանր է: Ես չեմ կարող նրան ինձ հետ տանել:
Ես լուռ էի:
– Բայց դա նույնն է, թե նետում ես քո հին պատյանը... Այստեղ տխրելու բան չկա...
Ես լուռ էի:
Նա մի քիչ հուսահատվեց: Բայց փորձեց էլի մի ճիգ անել.
– Գիտե՞ս, հիանալի կլինի: Ես էլ կսկսեմ աստղերին նայել: Եվ բոլոր աստղերը ինձ համար կլինեն ոնց որ ճռճռացող չարխով հին ջրհորներ: Եվ նրանցից յուրաքանչյուրը ինձ ջուր կտա...
Ես լուռ էի:
– Տես է՛, ինքան զվարճալի կլինի: Դու հինգ հարյուր միլիոն զանգակ կունենաս, իսկ ես հինգ հարյուր միլիոն աղբյուր...
Եվ այստեղ նա էլ լռեց, որովհետև լաց եղավ...
– Ահա և մենք տեղ հասանք: Թող որ ես մենակ մի քայլ էլ անեմ:
Եվ նա նստեց ավազի վրա, որովհետև սարսափում էր: Հետո նա ասաց.
– Գիտե՞ս... իմ վարդը... ես նրա համար պատասխանատու եմ... Իսկ նա այնքա՜ն թույլ է, և այնքա՜ն պարզամիտ: Նա ընդամենը չորս խղճուկ փուշ ունի... Նա աշխարհից պաշտպանվելու ուրիշ ոչինչ ունի:
Ես էլ նստեցի, որովհետև ոտքերս ծալվում էին:
Նա ասաց.
– Ահա և վերջ...
Մի փոքր հապաղեց նա ու ոտքի ելավ: Եվ միայն մի քայլ արեց: Իսկ ես չէի կարողանում շարժվել: Կարծես մի դեղին կայծակ շողաց նրա ոտքերի մոտ: Մի ակնթարթ նա մնաց անշարժ: Չճչաց: Հետո ցած ընկավ՝ դանդաղ, ինչպես ծառերն են ընկնում... Դանդաղ ու անշշուկ... Չէ՞ որ ավազը խլացնում է ամեն ինչ:
XXVII
Եվ ահա անցել է վեց տարի... Ես դեռ ոչ ոքի այդ մասին չեմ պատմել: Երբ ես վերադարձա, իմ ընկերները շատ ուրախացան, որ ինձ ողջ և առողջ են տեսնում: Ես շատ տխուր էի, բայց նրանց ասում էի.
– Այդ նրանից է, որ հոգնել եմ...
Եվ այնուամենայնիվ կամաց-կամաց սկսեցի մխիթարվել: Այսինքն... ոչ ամբողջովին: Բայց ես գիտեմ՝ նա վերադարձավ իր մոլորակը, որովհետև երբ լույսը բացվեց, ես ավազի վրա չգտա նրա մարմինը, որն այնքան էլ ծանր չէր: Իսկ գիշերները ես սիրում եմ լսել աստղերին: Կարծես թե հինգ հարյուր միլիոն զանգակներ լինեն...
Բայց ահա թե ինչ պատահեց: Երբ ես գառնուկի համար դնչկալ էի նկարում, մոռացա կապի մասին: Փոքրիկ իշխանը չի կարողանա դնչկալը հագցնել իր գառնուկին: Ու ինքս ինձ հարց եմ տալիս՝ երևի մի բան պատահի նրա մոլորակի վրա. հանկարծ ու գառնուկը վարդը ուտի:
Երբեմն ես ինքս ասում եմ. «Ո՛չ, իհարկե՝ ո՛չ: Փոքրիկ իշխանը գիշերները միշտ էլ վարդը ծածկում է ապակիով և շատ է հետևում գառնուկին»: Երբ այդպես եմ մտածում, ինձ երջանիկ եմ զգում: Եվ բոլոր աստղերը կամացուկ ծիծաղում են:
Իսկ մեկ-մեկ ինքս ինձ ասում եմ. «Երբեմն մարդ ցրված է լինում... Այդ ժամանակ ամեն ինչ կարող է պատահել: Հանկարծ ու նա մի օր մոռանա ապակին դնել, և գառնուկն էլ գիշերը թաքուն դուրս գա...»:
Այս բոլորը անհասկանալի է ու առեղծվածային: Ձեզ համար, որ նույնպես սիրեցիք Փոքրիկ իշխանին, ինչպես նաև ինձ համար, դա ամենևին էլ միևնույնը չէ. ամբողջ աշխարհը մեզ համար ուրիշ տեսակ է դառնում այն պատճառով, որ ինչ-որ մի տեղ՝ տիեզերքի անհայտ անկյուններից մեկում, մի գառնուկ, որին մենք երբեք չենք տեսել, կարող է հանկարծ ուտել մեզ համար անծանոթ վարդը:
Նայեցեք երկնքին: Եվ ինքներդ ձեզ հարց տվեք. «Դեռ ապրո՞ւմ է վարդը, թե՞ արդեն չկա: Հանկարծ ու գառնուկը կերել է այն...»: Եվ դուք կտեսնեք, որ ամեն ինչ ուրիշ կերպ կդառնա...
Եվ երբե՛ք ոչ մի մեծահասակ չի հասկանա, թե որքան կարևոր է այդ:
Իմ կարծիքով, սա աշխարհի ամենագեղեցիկ և ամենաթախծոտ վայրն է: Անապատի այս անկյունը նկարված է նախորդ էջի վրա. ես մի անգամ էլ եմ նկարում, որ դուք ավելի լավ հիշեք: Առաջին անգամ Փոքրիկ իշխանը այստեղ հայտնվեց, այստեղ էլ անհետացավ: Ուշադիր նայեք, որպեսզի անպայման ճանաչեք այս վայրը, եթե երբևէ Աֆրիկայի անապատներն ընկնեք: Եթե այնպես պատահի, որ դուք անցնեք այս վայրերով, պարտք եմ դնում ձեզ վրա՝ մի շտապեք, մի փոքր կանգ առեք այս աստղի տակ: Եվ եթե ձեզ մոտենա ոսկեգանգուր մի փոքրիկ տղա, եթե նա զրնգուն ծիծաղ ունենա և ձեր հարցերին չպատասխանի, դուք, իհարկե, գլխի կընկնեք, թե ով է նա:
Այդ ժամանակ, շատ եմ խնդրում ձեզ, չմոռանաք փարատել իմ վիշտը. անմիջապես գրեք ինձ, որ նա վերադարձել է: