Changes

Բաֆուտի քերծեները

Ավելացվել է 56 587 բայտ, 16:31, 1 Մարտի 2016
Մենք շտապում էինք, գրեթե վազում բայց այնուամենայնիվ չհասցրինք․ ամպը փլվեց լեռների կատարներին և, ասես դանդաղեցրած թռիչքով, տարածվեց երկնակամարով մեկ, մեր ետևում։ Պոռթկուն ու սառը քամի բարձրացավ, և իսկույնևեթ անձրև տեղաց՝ արծաթե հոծ վարագույրի նման․ առաջին իսկ վայրկյանում մենք ամբողջովին թրջվեցինք։ Շեկ հողը մգացավ ու դարձավ սայթաքուն, անձրևն այնպես բարձր էր սուլում, որ խոսելը գրեթե անհնար դարձավ։ Երբ մենք մոտեցանք Բաֆուտի արվարձաններին, մեր ատամները զնգզնգում էին ցրտից, իսկ լրիվ թրջված հագուստները սառեցնում էին մարմիններս։ Մենք արդեն հասել էինք ճանապարհի վերջին, և այստեղ անձրևն արդեն կամաց֊կամաց պակասեց, դեռևս ցայտում էր թեթև ցնցուղի պես, իսկ հետո ամբողջովին դադարեց։ Թաց գետնից սպիտակ մշուշ բարձրացավ և զարնվեց մեր ոտքերին, ինչպես տեղատվության վիթխարի ալիքը։
 
 
==Գլուխ չորրորդ==
 
Միապետը և կոնգան
 
 
Վերջապես հասավ խոտահունձի հանդիսավոր արարողության օրը։ Ես արթնացա լուսաբացից առաջ, երբ աստղերը նոր էին սկսել նոսրանալ և խամրել, երբ դեռ նույնիսկ ամենաջահել ու ոգևորված գյուղական աքաղաղները չէին փորձել իրենց ձայնը․ ինձ արթնացրեց փոքրիկ թմբուկների թնդյունը, ծիծաղը, բարձր խոսակցությունը, և տան առջև, փոշոտ փողոցում, բոբիկ ոտքերի փափուկ շրմփոցը։ Ես պառկել և ունկնդրում էի այդ բոլոր ձայները այնքան ժամանակ, քանի դեռ արթնացող օրը չէր ներկել երկինքը նուրբ կանաչավուն երանգներով․ այդժամ ես վեր կացա և դուրս եկա պատշգամբ, տեսնելու, թե ինչ է տեղի ունենում։
 
Վաղորդյան աղջամուղջում Բաֆուտի շուրջը կուտակված լեռները փայլատակում էին կարմրակապույտ ու գորշ երանգներով, տեղ֊տեղ դրանք հատվում էին հովիտների մուգ շերտերով․ նրանց խորքում դեռևս թաքնվում էր սև ու մուգ մանուշակագույն խավարը։ Երկինքը հիասքանչ էր, արևմուտքում՝ սև, ուր դեռ առկայծում էին վերջին աստղերը, դեղնականաչ իմ գլխավերևում, իսկ բլուրների արևելյան եզրին՝ նուրբ երկնագույն, ինչպես ալկիոնի փետուրը։ Ես հենվել էի պատշգամի այն պատին, որ ամբողջովին ծածկված էր բուգենվիլեյի հսկայական ոստայնով, ասես անփութորեն վրան էին գցել դարչնակարմիր ծաղիկների մի թիկնոց, և հայացքս գցեցի յոթանասունհինգ աստիճաններից կազմված սանդուղքին, դեպի ներքև տանող ճանապարհին ու դրանից այն կողմ՝ Ֆոնի բակին։ Ճանապարհի աջ և ձախ կողմերով շարժվում էր մարդկային խիտ հոսանքը․ մարդիկ ծիծաղում էին, զվարթ խոսում և մերթ ընդ մերթ զարկում փոքրիկ թմբուկներին։ Յուրաքանչյուրը ուսին տանում էր երկար փայտե ձող, իսկ ձողին ամրացված էր չոր խոտի մեծ ու կոնաձև խուրձ։ Շուրջը վազվզում էին տղաները, նրանք նույնպես բարակ ճյուղերին կապած տանում էին ավելի փոքր խրձեր։ Մարդիկ անցնում էին Ֆոնի բակը տանող կամարի կողքով և իրենց բեռը թափում ճանապարհի եզրի ծառերի տակ գոյացած կույտի մեջ։ Հետո կամարի տակով մտնում էին բակ և մնում այնտեղ խմբերով, խոսում էին ու ծիծաղում․ երբեմն սրինգն ու թմբուկը սկսում էին մի ինչ֊որ կարճ մեղեդի, և իսկույն ամբոխից դուրս էին գալիս պարողները։ Նրանք ոտքերով դոփում էին գետինը՝ հանդիսատեսների ծափահարության ու հիացական բացականչությունների տակ։ Դա մի ուրախ, աշխույժ ու բարեհամբույր հավաք էր։
 
Երբ ես ավարտեցի նախաճաշս, ճամփեզրի ծառերի տակ կուտակված խոտի դեզը հասնում էր գրեթե մինչ երկինք, երբ նրա վրա ընկնում էր նոր խուրձ, ամբողջ դեզը ճոճվում էր, թվում էր, թե հիմա ուր որ է կփլվի։ Բակը լեփ֊լեցուն էր բազմությամբ, մարդկանց արդեն տեղ չկար, և շատերը մնում էին կանգնած կամարի տակ ու ճանապարհին։ Օդը լիքն էր ձայներով, նրանք, ովքեր ավելի շուտ էին եկել, ողջունում էին նոր եկողներին և հանդիմանում նրանց ծուլության համար։ Երեխաները աղմուկ աղաղակով վազում էին իրար ետևից, մերթ խցկվելով ամբոխի մեջ, մերթ դուրս պրծնելով այնտեղից, իսկ նրանց ետևից խանդավառ հաչոցով ուրախ վազում էին նիհար ու աշխույժ շները։ Ես յոթանասունհինգ աստիճանով իջա դեպի ճանապարհը և միացա ժողովրդին։ Ես շատ ուրախ էի ու գոհ, որ ոչ ոք չէր առարկում իմ ներկայության դեմ, ընդհակառակը, շատերը բարեկամաբար ժպտում էին ինձ, իսկ երբ ես սկսեցի բոլորին բարևել, նրանց սովորական կոտրտված անգլերենով՝ ժպտացին ավելի լայն ու սիրալիր։ Հետո ես հարմարավետ տեղավորվեցի ճանապարհի մոտ, գիբիսկուսի վիթխարի թփի ստվերում (թուփն ամբողջովին ծածկված էր մուգ կարմիր ծաղիկներով և բզզում էր ամեն տեսակ մժեղների պարսերով)։ Ես նստել էի այնտեղ, ծխում և դիտում էի շուրջս ցնծացող տոնական ամբոխին․ շատ շուտով շուրջս խիտ շրջան կազմեցին տղաներն ու պատանիները և սկսեցին լուռ դիտել ինձ։ Վերջապես, շնչակտուր ինձ գտավ Բենը․ արդեն վաղուց անցել է ճաշի ժամը, հայտնեց նա, և բոլոր այն համեղ բաները, որ պատրաստել է խոհարարը, հիմա արեն, իհարկե, բանի պետք չեն։ Ես դժգոհությամբ հեռացա իմ երկրպագուների խմբից, նրանք բոլորը հարգալից վեր կացան և սեղմեցին ձեռքս, ու ես քարշ եկա դեռևս փնթփնթացող Բենի հետևից դեպի տուն։
 
Ճաշից հետո ես նորից իջա իմ դիտակետը՝ գիբիսկուսի հովանու տակ, և շարունակեցի մարդաբանի հայացքով ուսումնասիրել Բաֆուտի բնակիչներին, որոնք անընդհատ հոսանքով անցնում էին իմ կողքով։ Երևի, ես առավոտյան ժամերին դիտում էի պարզ ու հասարակ աշխատավոր մարդկանց։ Որպես կանոն, հասարակ մարդկանց ամբողջ հագուստը կազմում էր ծաղկավոր սարոնգան, որ կիպ փաթաթված էր նրանց կոնքերին․ այդպես հագնված էին նաև կանայք, ի դեպ, որոշ պառավ կանայք կրում էին միայն կեղտոտ, կաշվի ազդրակապեր։ Ես հասկացա, որ ազդրակապը նրանց բուն հագուստն է, իսկ վառ սարոնգան տուրք էր ժամանակին, նորաձև հագուստ։ Գրեթե յուրաքանչյուր տարեց կնոջ ատամների արանքում ծխամորճ կար, բայց ոչ կարճ, ինչպես քոթուկ, որ հարգի է հարթավայրի ցեղերի մոտ, այլ երկար, նուրբ ծխամորճ, որը հիշեցնում էր հինավուրց կավե ծխամորճերը, և բոլոր այս ծխամորճերը սևացած էին ծխից։ Ահա այսպիսի տեսք ուներ Բաֆուտի աշխատավոր ժողովուրդը։ Ճաշից հետո ճանապարհին հայտնվեցին ավագանու անդամները, իշխանիկները և ավելի կարևոր ու ազդեցիկ դեմքեր։ Եվ ահա սրանց ոչ մի կերպ չէր կարելի շփոթել սովորական աշխատավորների հետ։ Նրանք բոլորը հագել էին հոյակապ ու վառ գույների լայն ու երկար հագուստներ (այս հագուստները խշխշում ու փայլում էին քայլելիս), իսկ փոքրիկ ու գանգը կիպ գրկած կլոր թասակները ասեղնագործված էին բարդ ու վառ նախշերով։ Ոմանք ձեռքներին ունեին մուգ շագանակագույն փայտից գավազան՝ զարմանալիորեն նուրբ ու գեղեցիկ զարդաքանդակով։ Դրանք բոլորն էլ տարիքավոր կամ էլ նույնիսկ ծեր մարդիկ էին․ նրանք, ակնհայտորեն, շատ էին հպարտանում հասարակության մեջ ունեցած իրենց բարձր դիրքով, և յուրաքանչյուրն ինձ ողջունում էր չափազանց հանդիսավոր, սեղմելով ձեռքս ու մի քանի անգամ արտահայտիչ կրկնելով․ «Ողջունում եմ»։ Այսպիսի արիստոկրատներ շատ կային, և ամբողջ արարողությանը նրանք զարմանալի գունավորում էին հաղորդում։ Ժամը հինգին իմ տուն դառնալու և թեյ խմելու ժամանակն էր․ ճանապարհին ես կանգ առա սանդուղքի վերին աստիճանին և նայեցի ցած, հսկայական բակին։ Բակն այնպես լեփ֊լեցուն էր, որ շեկ գետինը միայն մերթ ընդ մերթ էր երևում այն տեղերում, ուր ուրախ պարողները վեր֊վեր էին թռչում։ Ամբոխի մեջ վառ գույներով առկայծում էին ցեղապետների հագուստները, ինչպես սևահող ծաղկաթմբի վրա՝ գույնզգույն ծաղիկները։
 
Երեկոյան դեմ ես արդեն բազմության ամենահոծ կենտրոնում էի և աշխատում էի լուսանկարել, քանի դեռ լրիվ չէր մթնել։ Եվ այստեղ հանկարծ ինձ մոտեցավ մի ուշագրավ կերպարանք։ Դա Ֆոնի սուրհանդակն էր․ նրա ծփացող հագուստները փայլփլում էին կարմիր, ոսկե ու կանաչ գույներով, իսկ ձեռքում սեղմել էր կաշվե մտրակը։ Նա ինձ հայտնեց, որ իրեն ուղարկել է Ֆոնը, և եթե ես միանգամայն պատրաստ եմ, նա ինձ կուղեկցի իր միապետի մոտ՝ չոր խոտի հավաքման տոնակատարությանը։ Ես լուսանկարչական ապարատի մեջ նոր ժապավեն դրի և հետևեցի նրան ամբոխի միջով, հիացած նայելով, թե ինչպիսի հեշտությամբ էր նա իր համար ճանապարհ հարթում մարդկային հոծ բազմության մեջ։ Ֆոնի սուրհանդակն ինձ տարավ հսկայական բակով, կամարի տակով դուրս բերեց դարպասից, հետո նեղ անցումով մենք հասանք մյուս դարպասներին և, վերջապես, հայտնվեցինք փոքրիկ բակերի ու անցումների լաբիրինթոսում։ Դրանք իրարից զանազանելն անհնարին էր, բայց իմ ուղեկցողն այստեղ իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում․ նա հեշտությամբ սուզվում ու սահում էր մի անցումից մյուսը, բակից բակ, վեր ու վար էր անում փոքրիկ աստիճաններով, և, վերջապես անցնելով աղյուսե փլվող կամարի տակով, մենք մտանք մոտավորապես քառորդ ակր տարածությամբ մի երկար բակ, որ շրջապատված էր կարմիր աղյուսից բարձր պատերով։ Այս բակի ծայրում աճում էր մանգոյի մի մեծ ծառ, նրա հարթ բնի շուրջը կար տախտակներից պատրաստված պատվանդան, պատվանդանի վրա դրված էր շքեղ փորագրված մի մեծ բազկաթոռ, իսկ բազկաթոռի վրա բազմել էր Բաֆուտի Ֆոնը։
 
Ֆոնի զգեստն այնքան շլացուցիչ շքեղ էր, որ առաջին րոպեին նույնիսկ չճանաչեցի նրան․ երկնակապույտ, շատ գեղեցիկ երանգներով զգեստը զարդարված էր, կարմիր դեղին ու սպիտակ ապշեցուցիչ նախշերով։ Գլխին փայլում էր կարմիր ֆետրից սրածայր գլխարկը, որի վրա կարված էին փղի պոչի մազիկներ։ Հեռվից թվում էր, թե նրա գլխին դրված է կոնաձև խոտի խուրձ, Ֆոնը ձեռքում պահել էր ճանճորսիչը, որի փայտե պոչը նուրբ փորագրված էր, իսկ մետաքսանման փոքրիկ ծոպիկը պատրաստված էր գվերեցայի երկար, սպիտակասև պոչից։ Բայց այս չափազանց ազդու պատկերը փոքր֊ինչ փչացնում էին Ֆոնի ոտքերը, որոնք հանգչում էին վիթխարի, արդեն հնությունից դեղնած ու սևացած փղի ժանիքի վրա․ սրաքիթ խայտաբղետ կոշիկների միջից երևում էին դեղնա֊կանաչ գուլպաները։
 
Ֆոնը սեղմեց ձեռքս, սրտանց տեղեկացավ առողջությանս մասին։ Ինձ համար բազկաթոռ բերեցին, և ես նստեցի Ֆոնի կողքը։ Բակի երկու կողմերում տեղավորվել էին ամեն տեսակ խորհրդատուներ, իշխանիկներ ու նրանց կիսամերկ կանայք․ նրանք բոլորն էլ պպզել էին աղյուսե ցանկապատի երկայնքով և գինի էին խմում ինչ֊որ հատուկ գավաթներից, որոնք, ըստ էության, գեղեցիկ զարդաքանդակված կովի եղջյուրներ էին։ Ֆոնի բազկաթոռի ձախ կողմում կիտված էին սև կալեբասները, որոնք խցանված էին կանաչ տերևների փնջով։ Դրանք լցված էին «միմբոյով» կամ արմավի գինով՝ կամերունցիների սիրված խմիչքով։ Ֆոնի կանանցից մեկը ինձ համար էլ բաժակ բերեց, հետո բարձրացրեց կալեբասը, հանեց խցանը և մի քիչ գինի լցրեց Ֆոնի մեկնած ափի մեջ։ Նա խմիչքը մի քիչ պահեց բերանում, հետո թքեց և գլուխն օրորեց, ծանոթացավ ևս մի կալեբասի պարունակությանը ― միևնույն արդյունքով, հետո փորձեց դարձյալ երկուսը։ Վերջապես գտնվեց մի այնպիսի կալեբաս, որի գինին Ֆոնը արժանի համարեց և՛ իրեն, և՛ ինձ, ու նրա կինը լցրեց իմ բաժակը։ Տեսքից միմբոն հիշեցնում էր ջրով նոսրացրած կաթ, իսկ համը նուրբ է, փոքր֊ինչ թթու, ինչպես լիմոնադինը, բայց այդ բոլորը նենգ խաբեություն է։ Իրականում լավ միմբոն այնքան անմեղ համ ունի, որ հրապուրում է խմողին․ խմում ես ու խմում, և հանկարծ զգում ես, որ դա այնքան էլ անմեղ խմիչք չէ, ինչպես թվում էր։ Ես մի կում արի, չպչպացրի հաճույքից և շնորհավորեցի Ֆոնին՝ գինու հիանալի որակի համար։ Ես նկատեցի, որ բոլոր խորհրդատուները և իշխանիկները խմում էին կովի եղջյուրներով, որ փոխարինում էր նրանց գավաթներին, իսկ Ֆոնը գինին կլանում էր ցուլի եղջյուրից, որ հիանալի հղկված ու նախշված էր։ Մենք այդտեղ նստեցինք այնքան ժամանակ, մինչև որ գրեթե մթնեց, անընդհատ խոսում էինք, իսկ միմբոյի կալեբասները կամաց֊կամաց դատարկվում էին։
 
Վերջապես Ֆոնը վճռեց որ հասել է մեծագույն պահը․ ժամանակն է հյուրասիրել մարդկային ողջ զանգվածին, որ այստեղ հավաքվել էր նրա կանչով։ Մենք վեր կացանք ու գնացինք բակի միջով՝ երկու շարքով գետին խոնարհված Ֆոնի հպատակների միջով․ ընդսմին տղամարդիկ համաչափ ծափ էին տալիս, իսկ կանայք բերանները ծածկում էին ձեռքով, թեթևակի խփում էին շրթունքներին և օդը խլացնում այնպիսի ճիչերով, որ նման էին շչակների սուլոցներին, իսկ ես տգիտորեն կարծում էի, թե այդպիսի ոռնոցներ արձակում են միայն կարմրամորթ հդնկացիները։ Մենք անցնում էինք ամեն տեսակ դռների, անցումների ու փոքրիկ բակերի միջով, իսկ ամբողջ շքախումբը հետևում էր մեզ, շարունակելով ծափահարել ու ոռնալ։ Երբ մենք դուրս եկանք կամարի տակից գլխավոր բակը, ամբոխը միահամուռ իր գոհունակությունը հայտնեց խլացուցիչ աղաղակով, բոլորն սկսեցին ծափ տալ ու զարկել թմբուկները։ Աղմկոտ ողջյունների տակ մենք Ֆոնի հետ պատի երկայնքով անցանք դեպի այն տեղը, ուր արդեն բերել ու ընձառյուծի լայն փռված մորթու վրա կանգնեցրել էին Ֆոնի գահավորակը։ Մենք նստեցինք, Ֆոնը ձեռքով նշան արեց, և սկսվեց մի աշխարհացունց խնջույք։
 
Կամարի տակով հոսում էր գրեթե ամբողջովին մերկ, եթե չհաշվենք փոքրիկ ազդրակապերը, երիտասարդ մարդկանց թափորը, մկանուտ ու փայլուն ուսերին նրանք տանում էին ամեն տեսակ ուտելիքներ Բաֆուտի Ֆոնի հպատակների համար։ Այստեղ կային արմավի գինով ու գարեջրով լի կալեբասներ, կարմիր ու ոսկե֊դեղին բանանների կապոցներ, մեծ եղեգնառնետների մսեղիքներ, մանգուստաների, ջղջիկների, այծքաղների ու կապիկների, պիտոնի մսի վիթխարի կտորներ, սրանք բոլորը խնամքով մաքրված, ապխտած էին ու բամբուկե ձողերին հագցրած։ Կային նաև չորացրած ձկներ, չորացրած ծովախեցգետիններ և թարմ խեցգետիններ, կարմիր ու կանաչ տաքդեղներ, մանգոյի ու պապայիի պտուղներ, նարինջներ, անանասներ, կոկոսի ընկույզներ, մանիոկ ու գետնախնձոր։ Մինչ բաժանում էին այս ամբողջ աներևակայելի ուտեստների զանգվածը, Ֆոնը ողջունում էր ցեղապետներին, խորհրդատուներին ու իշխաններին։ Յուրաքանչյուրը մոտենում էր նրան, ցածր խոնարհվում ու երեք անգամ ծափ տալիս։ Ֆոնը ի պատասխան կարճ, արքայաբար գլխով էր անում, ու մոտեցողը ոտքերի ծայրերի վրա ետ֊ետ գնալով, հեռանում էր։ Եթե որևէ մեկը ցանկանում էր դիմել միապետին, պետք է խոսեր ձեռքերը բերանին դրած։
 
Այդ ընթացքում ես արդեն կուլ էի տվել պատկառելի քանակությամբ միմբո ու գերհամակվել էի անսովոր բարեհամբույրությամբ, նույնը երևի, տեղի էր ուենում Ֆոնի հետ։ Նա հանկարծ մռթմռթաց մի ինչ֊որ հրաման և ի սարսափ իմ, մեր կողքին հայտնվեց մի փոքրիկ սեղան՝ երկու բաժակով և ֆրանսիական ինչ֊որ մակնիշի շշով, որի մասին ես մինչ այդ չէի լսել և հետագայում էլ չէի ցանկանա վերականգնել ծանոթությունը։ Ֆոնը բաժակի մեջ լցրեց երեք դյույումի չափ ջին և տվեց ինձ, ես ժպտացի և ջանացի ձևացնել, իբր ջրով չբացած ջինը հենց այն է, ինչի մասին երազում էի։ Ես զգույշ հոտոտեցի բաժակը, ― լավ տեսակի նավթի հոտ էր գալիս։ Ո՛չ, մաքուր ջինի այդպիսի քանակությունը ուղղակի իմ ուժերից վեր էր, ու ես խնդրեցի, որ ջուր բերեն։ Ֆոնը նորից ինչ֊որ բան քրթմջաց, և իսկույն մոտ վազեց նրա կանանցից մեկը, ձեռքում նա սեղմել էր մի շիշ դառը թուրմ։
 
― Դառն է, ― հպարտությամբ հայտարարեց Ֆոնը և երկու գթալ լցրեց բաժակի մեջ։ ― Դու սիրո՞ւմ ջինը դառը թուրմով։
 
― Այո՛, ― ասացի ես և, ճիգ թափելով, ժպտացի։ ― Պաշտում եմ դառը թուրմով ջինը։
 
Այդ խմիչքի հենց առաջին կումը քիչ մնաց հիմնովին այրեր կոկորդս, կյանքումս ես մաքուր սպիրտ չէի խմել, այն էլ այդքան զզվելի համով։ Նույնիսկ Ֆոնը, որի համար, թվում էր, դժվար բան չկար, առաջին կումից հետո ինչ֊որ տարօրինակ կերպով աչքերը թարթեց։ Հետո ուժգին հազաց և շրջվեց իմ կողմը, մաքրելով արցունքոտված աչքերը։
 
― Շա՜տ թունդ է, ― նկատեց նա։
 
Երբ վերջապես բերին ամբողջ ուտելիքը և հսկայական կույտերով դարսեցին ուղղակի մեր առջև, Ֆոնը բոլորին կարգադրեց լռել և Բաֆուտի բնակիչներին մի կարճ ճառ արտասանեց․ պատմեց նրանց, թե ով եմ ես, ինչու եմ եկել այստեղ, և ինչ է ինձ հարկավոր։ Վերջում նա բացատրեց, որ նրանք պետք է ինձ համար որքան կարելի է շատ և ամեն տեսակ կենդանիներ որսան։ Ամբոխն այս ճառը լսեց խոր լռությամբ, իսկ երբ Ֆոնը ավարտեց խոսքը, բոլորը ծափ զարկեցին և բարձրաձայն բացականչեցին «ա՜֊ա՜֊ա՜֊ա՜»֊ի պես մի բան։ Ֆոնը ինքնագոհ տեսքով նստեց իր գահավորակին և մի թափով ըմպեց դառը թուրմով կես բաժակ ջինը։ Այս անշրջահայաց արարքին հաջորդած հինգ րոպեն տանջալից էր ոչ միայն նրա, այլև մեր բոլորիս համար։ Նա հազում էր և պտտվում իր բազկաթոռի մեջ, դեմքի վրայով առվակների նման հոսում էին արցունքները։ Վերջապես, փոքր֊ինչ շունչ առավ և լուռ նստեց, կարմրած ու չար աչքերով նայելով ջինով լի իր բաժակին։ Հետո նորից մի քիչ խմեց, խմիչքը մտածկոտ պահեց բերանում և վստահորեն շրջվեց դեպի ինձ։
 
― Այս ջին, դա շատ պինդ ուժեղ, ― խռպոտ շշնջաց նա, ― մենք այս ուժեղ խմիչքը տալ մեր փոքրիկ֊ փոքրիկ մարդիկ, իսկ հետո գնալ իմ տուն և խմել, հա՞։
 
Ես սիրով համաձայնվեցի, որ ջինը տանի այդ իշխանիկներին ու խորհրդատուներին՝ փոքրիկ֊փոքրիկ մարդկանց, ինչպես դրանց անվանեց Ֆոնը, ― սքանչելի միտք է։
 
Ֆոնը զգուշությամբ նայեց շուրջը․ արդյոք որևէ մեկը մեզ չի՞ լսում, բայց մեր շուրջը խռնված էին ընդամենը ինչ֊որ հինգ հազար մարդ, և նա վճռեց, որ միանգամայն հանգիստ կերպով կարող է իր գաղտնիքը բացել իմ առջև։ Ուստի նա մի անգամ ևս թեքվեց իմ կողմը և նորից շշնջաց․
 
― Շուտով մենք գնալ իմ տուն, ― նրա տոնի մեջ լսվում էր անկեղծ ցնծություն, ― ու մենք խմել «Սպիտակ ձի» վիսկի։
 
Հետո ետ ընկավ բազկաթոռին, որ տեսնի, թե ինչ տպավորություն թողեցին ինձ վրա այդ բառերը։ Ես աչքերս չռեցի ու ամեն կերպ այնպիսի տեսք ընդունեցի, որ շատ երջանիկ եմ հենց միայն այդպիսի հյուրասիրության մտքից, իսկ ինքս սարսափով մտածում էի․ միմբոյից ու ջինից հետո՝ վիսկի․ ախր ի՞նչ կստացվի դրանից։ Իսկ Ֆոնը, շատ գոհ, սկսեց իր մոտ կանչել այդ «փոքրիք֊փոքրիկ» մարդկանց և ջինի մնացորդները լցրեց կովի եղջյուրներից պատրաստված նրանց «ըմպանակները», որ կիսով չափ լցված էին միմբոյով։ Հենց միայն ջինի մասին հիշելիս անգամ սիրտս խառնում էր։
 
Այդ կասկածելի ողորմածությամբ երջանկացնելով իր հպատակներին, Ֆոնը ոտքի ելավ և ծափահարությունների, թմբուկների զարկի ու բացականչյությունների տակ, որ նման էին կարմրամորթ հնդիկների մարտականչերին, խառնիխուռն բակերի ու անցումների միջով տարավ ինձ իր տունը։
 
Ֆոնի առանձնատունը կորել էր, գրեթե չէր երևում նրա բազմաթիվ կանանց խոտե խրճիթների մեջ, որոնք ասես լուցկու տուփեր լինեին մեղվանոցում։ Մենք ներս մտանք և հայտնվեցինք ցածր առաստաղով մի ընդարձակ սենյակում․ այնտեղ դրված էին թիկնաթոռներ ու մի մեծ սեղան, փայտե հատակը ծածկված էր ընձառյուծի գեղեցիկ մորթիներով և խոտից գործած շատ վառ խսիրներով՝ տեղական վարպետների արտադրանքը։ Ենթադրելով, որ ինքն արդեն կատարել է իր պարտքը հպատակների առջև, Ֆոնը փռվեց շեզլոնգի վրա։
 
Բերին «Սպիտակ ձին», տանտերը հաճույքով ճպճպացրեց շրթունքները, երբ բաց արին անարատ շիշը, և ինձ հասկացնել տվեց, որ այժմ, երբ պետական ձանձրալի պարտականությունները ետևում են մնացել, կարելի է արդեն խմել սեփական հաճույքի համար։ Հետո մենք ամբողջ երկու ժամ խմում էինք և երկար ու ամենայն մանրամասնությամբ քննարկում, թե ինչ զենքով է ամենից լավ որսալ փղերին, ինչից է պատրաստվում «Սպիտակ ձի» վիսկին, ինչու ես ներկա չեմ գտնվում Բուկինհեմյան պալատի ճաշկերույթներին, և այլ հուզող հարցեր։ Երկու ժամ տևող այսպիսի ժամանցից հետո ոչ Ֆոնի հարցերը, ոչ էլ իմ պատասխաններն արդեն չէին հնչում այնպես գեղեցիկ ու կապակցված, ինչպես մենք կցանկանայինք, դրա համար էլ Ֆոնը կանչեց իր նվագախմբին, երևում է, նա ենթադրում էր, որ քաղցրահնչուն երաժշտությունը կարող է ցրել թունդ խմիչքների կործանիչ հետևանքները, բայց, ավա՜ղ, սխալվում էր։ Երաժիշտները մտան բակ և երկար ժամանակ երգում ու պարում էին պատուհանների տակ, իսկ Ֆոնն այդ ընթացքում ևս մի շիշ «Սպիտակ ձի» պահանջեց․ չէ՞ որ պետք էր նշանավորել նվագախմբի ժամանումը։ Հետո երաժիշտները կիսաշրջան արեցին, մեջտեղ ելավ մի կին և սկսեց պարել․ նա օրորվում էր, գետինը դոփում ոտքերով ու հետն էլ երգում։ Նրա երգը հոգեպարար էր ու տխուր։ Բառերը ես չէի հասկանում, բայց երգը չափազանց տխուր էր, և ես ու Ֆոնը խիստ զգացվեցինք։
 
Վերջում Ֆոնը, սրբելով արցունքները, նվագախմբին կտրուկ հայտարարեց, որ ցանկանում է ինչ֊որ ուրիշ բան լսել։ Երաժշտությունն այնքան աշխույժ և ուրախ էր, որ մեր տրամադրությունն իսկույն բարձրացավ, շատ շուտով ես արդեն երգի տակտով գետնին էի խփում ոտքերս, իսկ Ֆոնը դիրիժորություն էր անում նվագախմբին։ Ընդ որում, նրա ձեռքում դեռ սեղմված էր «Սպիտակ ձիով» բաժակը։ Ֆոնի հյուրասիրությունից գլուխս տաքացել էր, և հետո երաժշտությունն էլ էր ինձ աշխուժացրել, և գլխումս մի հիանալի միտք ծագեց։
 
― Օրերս դու ինձ ցուցադրեցիր ձեր ազգային պարը, ճի՞շտ է, ― ասացի ես Ֆոնին։
 
― Այո՛, ճիշտ է, ― հաստատեց նա, աշխատելով զսպել զկռտոցը։
 
― Դե՛ լավ։ Իսկ կուզես այսօր ես քեզ եվրոպական պար սովորեցնեմ։
 
― Ա՜խ, բարեկամս։ ― Ֆոնը պայծառացավ և գրկեց ինձ։ ― Այո՛, այո՛, հիանալի է, սովորեցրու ինձ։ Գնանք, մենք հիմա գնալ պարերի տուն։
 
― Մենք, օրորվելով, ոտքի ելանք և քարշ եկանք դեպի նրա «դանսինգը»։ Մի խոսքով, երբ մենք տեղ հասանք, ես տեսա, որ այդ ջանքերը (մենք անցել էինք հիսուն քայլ, կամ գուցե մի քիչ ավելի), խիստ հոգնեցրել են իմ ուղեկցին։ Ամբողջովին շնչահեղձ լինելով, նա անմիջապես փլվեց իր ճոխ զարդաքանդակված գահի վրա։
 
― Գնա, սկզբում սովորեցրու բոլոր փոքրիկ֊փոքրիկ մարդիկ, ― ասաց նա և ձեռքերը տարածեց իշխանիկների ու խորհրդականների բազմության կողմը։ ― Հետո ես էլ պարեմ նույնպես։
 
Ես նայեցի մի ոտքից մյուսի վրա հենվող շփոթված խորհրդականներին, որոնց պետք է սովորեցնեի, ու վճռեցի, որ կոնգայի ամենաբարդ քայլերը այժմ նրանց ուժերից վեր են։ Ճշմարիտ ասած, ես սկսեցի մտածել, որ դրանք հիմա, թերևս, իմ սեփական ուժերից էլ վեր են։ Ուստի վճռեցի բավարարվել նրանով, որ ցույց կտամ միայն պարի վերջին եզրափակիչ մասը, այն մասը, երբ բոլոր պարողները շղթայաձև կանգնած են մեկը֊մյուսի ետևից, և այդպես պտտվում են, հետևելով առջևում կանգնածին։ Ամբողջ դահլիճը քարացավ, երբ ես քսաներկու խորհրդականնեին առաջարկեցի գալ ինձ մոտ, դահլիճի կենտրոնը, և մի այնպիսի լռություն տիրեց, որ լսվում էր, թե ինչպես են քայլելիս խշխշում պետական այրերի մետաքսե հագուստները։ Ես նրանց բոլորին կանգնեցրի ինձնից հետո այնպես, որ յուրաքանչյուրը բռնի առջևում կանգնածի գոտկատեղից, հետո նշան արի նվագախմբին․ երաժիշտները տաքացած նվագում էին կոնգայի ռիթմով։ Եվ մենք սկսեցինք պարել։ Մինչ այդ ես շատ խնամքով աշակերտներիս բացատրեցի, որ իրենք պետք է կրկնեն իմ յուրաքանչյուր շարժումը։ Եվ նրանք անշեղորեն կատարեցին։ Սակայն շատ շուտով հայտնաբերեցի, որ Ֆոնի գինու մառանում խեղդվել են իմ բոլոր գիտելիքները կոնգայի մասին։ Միայն մի բան էր ամուր նստել հիշողությանս մեջ, թե ինչ֊որ մի պահ պետք է դոփել ոտքով և այն տարծել կողմ։ Եվ մենք գնացինք պտտվելու դահլիճում։ Նվագախումբը նվագում էր ամբողջ ուժով, իսկ մենք անում էինք մերը՝ քա՛յլ, երկո՛ւ, երե՛ք֊ոտքը կո՛ղմ, քա՛յլ, երկո՛ւ, երե՛ք, կողմ։ Իմ աշակերտներն առանց հատուկ ջանք թափելու կրկնում էին այդ հասարակ շարժումը։ Այսպես մենք հանդիսավոր պտտվում էինք դահլիճում, և նրանց շքեղ հագուստները խշխշում էին նույն եղանակով։ Ես հաշվում էի տակտը և անհրաժեշտ պահին բացակնչում էի՝ «բրի՜կ», որ նրանց համար հեշտ լիներ հասկանալ, թե երբ պետք է դոփեն ոտքով, իսկ նրանք իմ բացականչությունն ընդունեցին որպես պարի անհրաժեշտ տարր, ծիսային կրկներգի պես մի բան, և խմբով սկսեցին բղավել այդ «բրի՜կը» ինձ հետ միասին։ Մի տեսնեիք, թե ինչ էր կատարվում մեր բազմաթիվ հանդիսատեսների հետ, նրանք հիացմունքից ոռնում էին, իսկ Ֆոնի շքախմբի բոլոր անդամները, մոտ չորս տասնյակ կանայք և նրանց մի քանի մեծահասակ ժառանգները, նետվեցին դեպի մեզ, որպեսզի իրենք էլ պարեն պետական այրերի հետ, և յուրաքանչյուր նոր պարող կանգնում էր մեր շարասյան պոչից ու սկսում երգել բոլորի հետ միասին։
 
― Մեկ, երկու, երեք, իայա՜, ― ճվճվում էին կանայք։
 
― Մեկ, երկու, երեք, ի՜֊ի՜֊ի՜, ― ծվծվում էին երեխաները։
 
Հասկանալի է, որ Ֆոնը ոչ մի կերպ չէր կարող հեռու մնալ այսպիսի ուրախությունից։ Նա դժվարությամբ ցած սահեց գահավորակից և, հենվելով երկու մարդու վրա, տեղավորվեց շարասյան ետևում։ Նրա շարժումները չէին համընկնում մյուսների ներդաշնակ շարժումներին, բայց դրանից նրա ուրախությունը ամենևին էլ չպակասեց։ Ես նրանց անընդհատ պտտեցնում էի դահլիճի շուրջը, մինչև որ գլուխս պտտվեց և ինձ թվաց, թե պատերն ու առաստաղը ցնցվում են մեր ցատկերի տակտով ու աղմուկից։ Այստեղ ես զգացի, որ վատ չէր լինի, եթե թարմ օդ շնչեի, և բոլորին դուրս բերի բակ։ Այդպես էլ մենք երկար, օրորվող շղթայով իջնում ու բարձրանում էինք սանդուղքներով, անցնում էինք բակից֊բակ, անծանոթ խրճիթների միջով՝ ամեն տեղով, որտեղով կարելի էր անցնել։ Նվագախումբը, ընկնելով էքստազի մեջ, հետ չէր մնում, մենք պարում էինք, իսկ նվագողները վազում էին մեր ետևից, քրտնքի մեջ կորած, բայց ոչ մի անգամ չխախտեցին ռիթմը և չսխալվեցին։ Վերջապես, պատահականության բերումով, քան գիտակցաբար, ես իմ աշակերտներին նորից բերեցի պարասրահ և այստեղ բոլորս, շնչակտուր լինելով ու ծիծաղելով, իրար գլխի թավալվեցինք հատակին։ Ֆոնը դեռ ճանապարհին երեք անգամ ընկավ, իսկ հիմա նրան տարան մինչև գահավորակը և նստեցրին․ նա ցնծում էր և դժվարությամբ շնչում։
 
― Ա՜խ, ինչ հիանալի պար, ― բացականչեց նա, ― գերազանց, գերազանց։
 
― Քեզ դո՞ւր է գալիս, ― փնչալով, հազիվ ասացի ես։
 
― Շատ դուր գալիս, ― վճռականորեն ասաց Ֆոնը։ ― Դու մեծ ուժ ունես, ես երբեք չտեսնել այդպես եվրոպական պար։
 
Ես ամենևին էլ չզարմացա, հազիվ թե եվրոպացիներից որևէ մեկը Արևմտյան Աֆրիկայում իր հանգիստը կծախսի այն բանի վրա, որ տեղացի իշխաններին ու նրանց հպատակներին սովորեցնի կոնգա պարել։ Դե, իհարկե, եթե նրանցից որևէ մեկը տեսներ ինձ այս պահին, կհայտարարեր, որ ես կես ժամում այնքան մեծ վնաս հասցրի սպիտակ մարդու հեղինակությանը, որքան չէր հասցրել որևէ մեկը Արևմտյան Աֆրիկայի պատմության ողջ ընթացքում։
 
― Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, ― երազկոտ մրմնջաց Ֆոնը, ― հիանալի՜ երգ։
 
― Այո՛, դա միանգամայն առանձնահատուկ երգ է, ― ասացի ես։
 
― Այո՞, ճի՞շտ, ― ասաց Ֆոնը, գլուխն օրորելով։ ― Այո՛, հիանալի։
 
Նա, մտածկոտ, մի քիչ էլ նստեց իր գահավորակին, այդ միջոցին նվագախումբը նորից նվագեց, և պարողները դուրս եկան դահլիճի կենտրոնը։ Ես արդեն մի քիչ շունչ էի առել և նույնիսկ սկսել էի հպարտանալ ինձնով, երբ հանկարծ Ֆոնը աշխուժացավ ու ինչ֊որ հրաման արձակեց։ Պարողների բազմությունից առանձնացավ մոտ տասնհինգ տարեկան մի աղջիկ ու մոտեցավ պատվանդանին, ուր նստել էինք մենք։ Նրա վրա կար մի չափազանց նեղ ազդրակապ, այնպես որ նրա հմայքները ոչ մի կասկած չէին թողնում։ Թմբլիկ, օծված մարմինը շողշողում էր։ Նա մոտեցավ մեզ և ամաչկոտ ժպտաց․ Ֆոնը կռացավ և, բռնելով նրա ձեռքը, թափով նստեցրեց իմ ծնկներին, և նա մնաց այնտեղ նստած, ծիծաղից ցնցնվելով։
 
― Սա քեզ համար, այս կին, ― ասաց Ֆոնը, ― լավն է, նա լավն է, նա իմ աղջիկ։ Արի ամուսնացիր նրա հետ։
 
Ասել, որ ես ցնցված էի, նշանակում է՝ ոչինչ չասել, ես ուղղակի սարսափից քարացել էի։ Իմ տանտերն արդեն հասել էր այն երանելի վիճակին, որից հետո սովորաբար վրա է հասնում ծայրահեղ մարտատենչությունը, և ես հասկացա, որ պետք է հրաժարվել որքան կարելի էր զգույշ ու տակտով, այլապես կփչացնեի ամեն ինչ, ինչին հասել էի այդ երեկո։ Ես անօգնական նայեցի դահլիճին, և առաջին անգամ այդ ամբողջ երեկոյի ընթացքում նկատեցի, որ շատ֊շատերը զինված են նիզակներով։ Նվագախումբն արդեն դադարել էր նվագել, և բոլորը սպասողաբար նայում էին ինձ։ Ֆոնը նույնպես նայում էր ինձ շշմած աչքերով։ Ես գլխի չէի, թե նա իսկապե՞ս է այդ աղջկան կնության տալիս ինձ, թե պատշաճությունից ելնելով, այդ բառերով ուրիշ բան է հասկացնում։ Ինչ էլ որ լիներ, պետք է մի կերպ հրաժարվեի, աղջիկը ամենևին էլ իմ ճաշակով չէր, եթե ուրիշ բանի մասին չխոսենք։ Ես շրթունքներս լիզեցի, հազացի և արի այն, ինչ կարող էի․ ամենից առաջ Ֆոնին շնորհակալություն հայտնեցի, որ նա ինձ առաջարկեց իր լավ օծված դստերը (աղջիկն այնքան ծանր էր, որ ծնկներս արդեն տնքում էին), սակայն, ինչպես ինձ հայտնի է, նա հիանալի քաջատեղյակ է իմ հայրենակիցների հիմար սովորություններին, և, հետևաբար, հասկանում է, որ անգլիացին ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող մեկից ավելի կին պահել։ Իմ այս դիտողությանը Ֆոնը խոհեմաբար գլխով արեց։ Ուստի, շարունակեցի ես, ակամա պետք է մերժեմ նրա ծայրաստիճան հրապուրիչ առաջարկը, ես արդեն կին ունեմ Անգլիայում և անօրինական և բավական վտանգավոր կլինի ինձ համար երկրորդ կինը տանել այնտեղ։ Իհարկե, եթե ամուսնացած չլինեի, արագ֊արագ շարունակեցի ես, ինձ համար ավելի մեծ երջանկություն չէր լինի, քան նրա պարգևն ընդունելը, այս աղջկա հետ ամուսնանալը, Բաֆուտում մնալը մինչև կյանքիս վերջին օրերը։
 
Մեծագույն թեթևությամբ լսեցի ծափահարության որոտը, որը պայթեց, երբ հազիվ էի ավարտել խոսքս, միայն Ֆոնը մի քիչ հեծկլտաց, երբ հասկացավ, որ իր չքնաղ երազանքին վիճակված չէ իրականանալ։ Քանի դեռ բոլորը ծափահարում էին ու գոռգոռում, ես ծնկներիցս իջեցրի իմ հաստլիկին, թեթև շոյեցի նրան, ու նա, շարունակելով ծիծաղել, գնաց դահլիճ՝ պարելու։ Դե, այս երեկո արդեն բավական զբաղվեցի դիվանագիտական բանակցություններով, վճռեցի ես ու առաջարկեցի ցրվել տները։ Ֆոնն ու նրա շքախումբը ճանապարհեցին ինձ մինչև մեծ բակը, և այստեղ Ֆոնը վճռականորեն պահանջեց ինձնից, որ նրան թույլ տամ բռնել իմ մեջքից և մի անգամ էլ նրա հետ պարեմ Դարրելի կոնգան։ Ամբոխը դանդաղ միացավ մեզ, և մենք պարեցինք հրապարակի շուրջը, բղավելով ու քացի տալով այնպես, որ վախեցրինք բոլոր թևավորներին․ նրանք դուրս էին թռչում մանգոյի ծառի տերևների միջից, իսկ շրջապատի բոլոր շները կատաղի հաչում էին։ Սանդուղքի ներքևում ես ու Ֆոնը զգացված հրաժեշտ տվինք իրար, ու ես կանգնել ու նայում էի, թե ինչպես են նրանք օրորվելով պարում ետ դառնալու ճանապարհին։ Հետո, վերջապես, բարձրացա իմ յոթանասունհինգ աստիճանները, երազելով, որ հիմա արդեն կմտնեմ անկողին։ Վերևում կշտամբանքով լի հայացքով ինձ դիմավորեց Բենը, լապտերիկը ձեռքին։
 
― Սըր, այստեղ որսորդներ արի, ― ասաց նա։
 
― Ինչպե՞ս, այս ժամին, ― հարցրի ես զարմացած։ Համարյա գիշերվա ժամը չորսն էր։
 
― Այո՛, սըր։ Ասե՞լ նրանց, որ գնան։
 
― Նրանք որևէ բա՞ն են բերել, ― հույսի նշույլով հարցրի ես, և իմ հայացքի առջև պատկերացան ինչ֊որ հազվադեպ նմուշներ։
 
― Չէ, սըր։ Նրանք ուզել խոսել մասայի հետ։
 
― Դե՛, լավ։ Թող ներս գան, ― ասացի ես, ընկղմվելով բազկաթոռի մեջ։
 
Մի քանի րոպե հետո Բենը սենյակ բերեց շատ երիտասարդ և շատ շփոթված հինգ որսորդների, նրանք բոլորն էլ ձեռքներում սեղմել էին նիզակները։ Որսորդները խոր գլուխ տվին ու ասացին․ «Բարի երեկո»։ Պարզվեց, որ նրանք էլ են մասնակցել այսօրվա տոնին և լսել են Ֆոնի ճառը։ Նրանք ապրում են Բաֆուտից բավական հեռու ընկած գյուղում, ուստի և որոշել են մինչև տուն վերադառնալը ինձ տեսնել ու իմանալ, թե ինչպիսի կենդանիներ են ինձ հարկավոր։
 
Ես քաջալերեցի նրանց դրա համար, սիգարեթներ բաժանեցի և բերեցի գրքերն ու լուսանկարները։ Նրանք երկար նայում էին լուսանկարները, ես պատմեցի, թե հատկապես ինչպիսի կենդանիներ են ինձ պետք և ինչքան կվճարեմ դրանց համար։ Որսորդներն արդեն պատրաստվում էին գնալ, երբ հանկարծ մեկը նկատեց իմ մահճակալին ընկած մի նկար, որը նրանց ցույց չէի տվել։
 
― Մասա, ուզո՞ւմ ես այս որսը, ― հարցրեց նա։
 
Ես նայեցի նկարին, հետո երիտասարդ որսորդին, նա, թերևս, չէր կատակում։
 
― Այո՛, ― ասացի ես, որքան կարելի էր արտահայտիչ։ ― Ես շատ եմ ուզում այդ որսը։ Իսկ ինչ է, դու դրան ճանաչո՞ւմ ես։
 
― Այո՛, սըր, ես նրան գիտես, ― հաստատեց որսորդը։
 
Նկարը բարձրացրի և ցույց տվի բոլորին։
 
― Լավ նայեցեք, ― նախազգուշացրի ես։
 
Բոլորն էլ հայացքները հառեցին նկարի կողմը։
 
― Դե, ինչ, դուք իսկապես ճանաչո՞ւմ եք այս որսը, ― հարցրի ես նորից։
 
― Այո՛, սըր, ― միաբերան պատասխանեցին որսորդները։ ― Մենք դրան լավ գիտել։
 
Ես նստեցի ու նայեցի նրանց, ասես այլ մոլորակից էին եկել։ Նրանք շատ հանգիստ ճանաչեցին նկարում պատկերված գազանին, և դա ինձ ցնցեց։ Ես արդեն շատ վաղուց էի երազում բռնել այդ, աշխարհի, թերևս, ամենահիանալի երկկենցաղին․ գիտնականներին նա հայտնի է Triohobut rachus robustus անվամբ, իսկ սովորական մարդիկ դրան ուղղակի անվանում են մազոտ գորտ։
 
Այստեղ անհրաժեշտ է որոշ բան պարզաբանել։ Կամերուն կատարած նախորդ ուղևորությանս ժամանակ իմ բոլոր մտքերը զբաղված էին այն բանով, որ ձեռք բերեմ թեկուզ մեկ այսպիսի հրաշք֊երկկենցաղ, բայց ոչինչ դուրս չեկավ։ Այն ժամանակ ես նրան փնտրում էի ցածրադիր անտառներում, և բոլոր տեղական որսորդները, որոնց ցույց էի տալիս մազոտ գորտի նկարը, միաբերան պնդում էին, որ աշխարհում այդպիսի բան չկա։ Ես պնդում էի իմը, իսկ նրանք կարեկցանքով նայում էին ինձ, իբր, ահա ևս մի ապացույց սպիտակ մարդու անհասկանալի հիմարության, չէ՞ որ նույնիսկ փոքրիկ երեխաները գիտեն, որ գորտը մազեր չի ունենում։ Գազանները մազեր ունեն, թռչունները՝ փետուր, իսկ գորտերը ունեն միայն մաշկ և ուրիշ ոչինչ։ Եվ քանի որ նրանց հաստատ հայտնի էր, որ այդպիսի գորտ աշխարհում չկա, նույնիսկ չէին էլ մտածում այն որոնել, չնայած ես հսկայական գումար էի առաջարկում։ Ինչ միտք ունի որոնել հեքիաթային հրեշին՝ մազոտ գորտին։ Ես ինքս էլ քիչ տանջալից օրեր չանցկացրի անտառում։ Բոբիկ ման էի գալիս գետակների ու վտակների մեջ, որոնելով ինձնից խուսափող այդ երկկենցաղին, մինչև որ հոգնածությունից ուժասպառ էի լինում, բայց՝ ապարդյուն։ Դրանից հետո ես ինքս էլ հավատացի, որ բոլոր դասագրքերը խաբում են, իսկ որսորդները իրավացի են, ցածրադիր անտառներում այդ գորտին չես գտնի։ Մազոտ գորտի մասին սոսկ հիշատակությունն անգամ ցածրավայրերի բնակիչների մեջ անմիջապես ատելություն ու ծաղր էր առաջացնում, և իմ երկրորդ ուղևորության ժամանակ ես, դաժանորեն հիասթափված՝ նույնիսկ չէի ցանկանում որևէ մեկին ցույց տալ այս նկարը։ Դե, իհարկե, լեռնաբնակ որսորդները համաձայն կլինեն մեծ անտառների իրենց եղբայրակիցների հետ։ Ահա թե ինչու ես այդպես հուզվեցի ու զարմացա, երբ երիտասարդ որսորդը, առանց իմ որևէ ակնարկի, անմիջապես ճանաչեց արտառոց երկկենցաղին և դեռ տեղեկացավ, թե արդյոք հարկավո՞ր չէ այն ինձ։
 
Ես մանրամասն հարցուփորձ արեցի որսորդներին, ամբողջովին դողալով՝ որսի հետքերով գնացող քերծեի նման։ Այո՛, հաստատեցին նրանք երրորդ անգամ, նրանք գիտեն այդ կենդանուն, այո՛, նա մազեր ունի․ այո՛, դժվար չէ նրան որսալը։ Ես հարցրի, թե ինչպիսի՞ տեղերում է նա բազմանում, և ձեռքի անփույթ թափահարումները ինձ պարզորոշ ցույց տվին, որ այդ գորտերն այստեղի անտառներում լեփլեցուն են։ Աչքերս փայլատակեցին, և ես հարցրի, գիտե՞ն արդյոք նրանք ճիշտ տեղը, ուր կարելի է գնալ այս գորտերին բռնելու համար։ Այո՛, եղավ պատասխանը․ կա մի այդպիսի «փոքրիկ ջուր» Բաֆուտից մոտավորապես երկու մղոն հեռու, այնտեղ գիշերը միշտ կարելի է մազոտ գորտ տեսնել։ Շարունակությունն արդեն չցանկացա լսել։ Վազեցի պատշգամբ և ամբողջ ուժով գոռացի։ Իմ օգնականները, սայթաքելով և քնկոտ աչքերը տրորելով, դուրս թռան իրենց խրճիթից և հավաքվեցին պատշգամբում։
 
― Այս որսորդն ասում է, ինքը գիտե, ուր պիտի գնալ և որտեղ կարելի է բռնել այս որսը, ― բացատրեցի ես։ ― Եվ մենք գնում ենք նրա հետևից։
 
― Հիմա՞, սըր, ― սարսափած հարցրեց Բենը։
 
― Այո՛, հենց հիմա, բոլորդ գնացեք պարկեր ու լապտերներ բերեք։ Շուտ, շուտ։
 
― Հենց գիշե՞րը, ― մեռնող ձայնով նորից հարցրեց Բենը․ ախր նա շատ էր սիրում քնել։
 
― Այո՛, հիմա, դե շարժվիր, հերիք է հորանջես, ծնոտդ դուրս կընկնի։
 
Քնից ուռած աչքերով, չդադարելով հորանջել, օգնականներս տհաճությամբ ենթարկվեցին։ Ջեյկոբը՝ խոհարարը, մի պահ հապաղեց և սկսեց բացատրել ինձ, որ ինքը խոհարար է, և ոչ թե որսորդ ու չի հասկանում, թե ինչու ինքը պետք է իր մասնագիտությունը փոխի գիշերվա ժամը չորսին։
 
― Բարեկամս, ― ասացի ես վճռականորեն։ ― Եթե դու հինգ րոպե հետո այստեղ չբերես պարկն ու լապտերը, ապա առավոտյան արդեն ոչ խոհարար կլինես, ոչ էլ որսորդ։ Հասկացա՞ր։
 
Ջեյկոբը արագ նետվեց մյուսների ետևից՝ իր որսորդական հանդերձանքը որոնելու։ Կես ժամ չանցած, իմ քնաթաթախ ջոկատն արդեն հավաքված էր, և մենք ցողածածկ ճանապարհով առաջ շարժվեցինք մազոտ գորտերին որոնելու։
Ադմին, Վստահելի
1876
edits