Դա Ֆոնի նվերն էր՝ շիլինգներով լի զամբյուղ։
==Գլուխ յոթերորդ==
ԿԵ֊ֆոնգ֊գուու
Կամերունի խոտածածկ տափաստանները բնակեցված են ամենաբազմազան սողուններով, և նրանց մեծ մասին որսալն այնքան էլ դժվար չէ։ Ցածրադիր անտառներում շատ հազվադեպ կտեսնես որևէ մի օձ, եթե նույնիսկ սկսես եռանդով փնտրել։ Իհարկե, այնտեղ օձեր կան, բայց, երևի, շատ ցրված են, ու նրանց շատ տեսակներ, թերևս, ապրում են ծառերի վրա, իսկ այդպիսիներին ավելի դժվար է գտնել ու բռնել։ Լեռներում խոտերի մեջ վխտում են հազարավոր մանր կրծողներ ու գորտեր, իսկ լեռնային թավուտները լիքն են թռչուններով, այնպես որ օձերի համար դա ուղղակի դրախտ է։ Այնտեղ կան վիթխարի, թքող սև իժեր, կանաչ մամբաներ, բարակ ծառաօձեր և հսկայական, անմեղ աչքերով, բազմագույն գաբոնյան իժեր՝ քթի վրա պատառաքաղի նման երկատված եղջյուրով, ինչպես ռնգեղջյուրինը, և էլի շատ ու շատ ուրիշ տեսակներ։ Բացի օձերից, այստեղ առատորեն ապրում են գորտեր ու դոդոշներ․ բոլոր տեսակի ու չափի գորտեր, սկսած մազոտ գորտերից մինչև անտառային մանր գորտերը, որոնք խոզակաղնի չափ են․ դրանց մեջ կան բծավոր, զոլավոր գորտեր, ոմանք ունեն այնպիսի վառ գույներ, որ բոլորովին նման չեն երկկենցաղների, այլ ավելի շատ գույնզգույն կոնֆետներ են հիշեցնում։ Դոդոշները, որպես կանոն, չեն փայլում իրենց վառ գույներով, բայց անգույնությունը հատուցվում է ամենատարօրինակ գորտնուկների և պալարների նախշերով․ իսկ նրանց աչքերը է՛լ ավելի վառ են, երբեմն անսպասելի գույնի։
Բայց այս վայրերում ամենից շատ կան մողեսներ, դրանք տառացիորեն հանդիպում են ամեն քայլափոխի, բարձր խոտի մեջ, ճանապարհի եզրերին վազվզում են հաստլիկ, կարճոտն, շագանակագույն, արծաթավուն ու սև սցինկները։ Իսկ խրճիթների պատերին, ճանապարհների ու ժայռերի վրա հպարտորեն շրջում են ու գլխով անում ծիածանի բոլոր գույներով ներկված ագամաները։ Ծառերի կեղևների ու քարերի տակ թաքնվում են ոսկեգույն, մեծ աչքերով փոքրիկ գեկոնները․ նրանց իրանը շատ գեղեցիկ և խնամքով ներկված է շագանակագույն ու փղոսկրյա գույներով, իսկ գիշերը խրճիթներում կարելի է տեսնել սովորական հովհարաթե գեկոններին՝ թափանցիկ, կիսաթափանցիկ, ասես վարդագույն մարգարիտներ, նրանք հանդիսավորությամբ ման են գալիս առաստաղների վրա։
Այդ բոլոր կենդանիներին տեղացի որսորդներն ինձ համար բերին տարբեր ժամանակներում։ Երբեմն բերում էին օձ, որը ոչ այնքան հուսալիորեն կապված էր լինում փայտի ծայրին, կամ բացբերան գորտերով լի կալեբասներ, մեկ ուրիշ անգամ որսը խնամքով փաթաթված էր լինում որսորդի շապկի կամ բլուզի մեջ, կամ էլ ճոճվում էր բարակ թոկի ծայրին կապված։ Այսպիսի պատահական ու վտանգավոր ձևով էին ինձ բերում ակնոցավոր օձ, մամբա, կամ գաբոնյան իժ։ Ես միայն զարմանում էի, թե որքան անհոգ ու անզգույշ էին վերաբերվում որսորդներն այդ մահաբեր օձերի հետ, թեև հիանալի գիտեին, թե որքան վտանգավոր են նրանք։ Որպես կանոն, աֆրիկացիները հիանալի հասկանում են, թե ինչ բան է օձը, և համենայն դեպս հակված են յուրաքանչյուր օձի համարել թունավոր, քան՝ հակառակը։ Ահա թե ինչու իմ որսորդների թեթևամտությունը ինձ թվում էր խիստ տարօրինակ։ Ավելի շատ ապշեցի ես, երբ իմացա, որ միակ մողեսը, որից նրանք տագնապահար վախենում են, միանգամայն անվնաս է։
Մի անգամ ես Բաֆուտի Քերծեների հետ մեկնեցի հերթական որսի, և մենք եկանք գյուղից մոտ կես մղոն հեռու գտնվող կանաչ ու ընդարձակ հովիտը։ Քերծեները ցրվեցին հովտով մեկ ու խփեցին ցանցերը, իսկ ես նստեցի խոտի վրա ու որոշեցի վայելել սիգարեթի հաճույքը։
Հանկարծ ինձանից ձախ խոտի մեջ, ինչ֊որ բան շարժվեց։ Ես նայեցի ու քիչ մնաց հառաչեի, մինչ այդ պահը ես համոզված էի, որ մարգագետինների ամենագեղեցիկ մողեսը ագաման է․ բայց համեմատած այն բանի հետ, ինչ այժմ ներկայացավ իմ աչքերի առջև, ագաման թվաց գորշ, անգույն, պատուհանի մածիկի մի կտոր։ Ես քարացա, պահելով շունչս, չհամարձակվելով շարժվել։ Հանկարծ կվախենա այդ զարմանալի արարածը և կվերցնի ու կփախչի խոտերի մեջ։ Բայց քանի որ ես չշարժվեցի, մողեսն ինձ անվնաս էակի տեղ դրեց, ուստի և հանգիստ, անշտապ սողաց արևոտ մի տեղ, պառկեց արևի տակ տաքանալու, նայելով ինձ մտածկոտ աչքերով, որոնց մեջ առկայծում էին ոսկե կայծիկները։ Ես իսկույն հասկացա, որ դա սցինկի մի տարատեսակն է․ բայց այդ տեսակի այդպիսի խոշոր ու գեղեցիկ ներկայացուցչի, թվում է, թե ես երբեք չէի հանդիպել։ Մողեսը պառկել էր անշարժ, վայելելով առավոտյան արևը, և ես բավական ժամանակ ունեի, որպեսզի ինչպես հարկն է նրան նայեի։
Մողեսի երկարությունը, պոչի հետ միասին, մոտ մեկ ոտնաչափ էր, իսկ լայնությունը՝ մոտ երկու դյույմ (ամենահաստ մասում)։ Գլուխը լայն էր ու ասես կտրված, ոտքերը կարճ, բայց ուժեղ։ Գույները ու նախշերը այնքան բարդ էին ու կուրացուցիչ, որ նկարագրել գրեթե անհնար է։ Սկսենք նրանից, որ թեփուկները խոշոր էին ու փոքր֊ինչ վեր բարձրացած, ասես մողեսը ամբողջովին վարպետորեն կազմված էր խճանկարից։ Կոկորդը՝ սևա֊սպիտակ լայնակի գծերով, գլուխը՝ կարմրավուն֊ժանգագույն, իսկ այտերը, վերին շրթունքը և կզակը՝ վառ աղյուսա֊կարմիր։ Իրանը հիմնականում սև էր ու ասես լաքապատ, և այդ ֆոնի վրա մնացած գույները երևում են առանձնապես ընդգծված։ Ծնոտից ներքև, դեպի առջևի թաթերն են ձգվում մուգ բալի գույնի գծեր, իրարից անջատված սև և սպիտակ թեփուկների նեղ շերտերով։ Պոչը և ոտքերի արտաքին կողմը ծածկված են սպիտակ բծերով։ Ընդ որում, ոտքերի վրա բծերը մանր են և առանձին֊առանձին, իսկ պոչի վրա դրանք այնքան շատ են, որ տեղ֊տեղ թվում են համատարած լայնակի զոլեր։ Մեջքի ամբողջ երկայնքով նույնպես հերթագայում են շերտերը՝ սև և դեղձանիկի գույնի՝ դեղին։ Եվ սա դեռ բոլորը չէ, դեղին շերտերը տեղ֊տեղ ընդհատվում են վարդագույն թեփուկների խմբերով։ Մողեսն ամբողջությամբ այնքան վառ էր ու փայլուն, որ թվում էր, թե նրան հենց նոր են ներկել, և ներկը դեռ չի չորացել։
Այսպես մենք նստել ու նայում էինք իրար, իսկ ես այդ ընթացքում տենդագին մտածում էի գործողության պլանը։ Հարկավոր էր նրան բռնել․ թիթեռացանցը մնացել էր ինձնից տասնյակ քայլ այն կողմ, բայց այդ նույն հաջողությամբ կարող էր մնացած լինել նաև Անգլիայում․ միևնույն է, ես չէի կարող դրանից օգտվել․ չէ՞ որ մողեսը չէր պառկի այստեղ ու սպասի, մինչև ես վազեի թիթեռնացանցի ետևից․ մողեսի շուրջը տարածվում էին բարձր խոտի աներևակայելի ջունգլիները․ և եթե նա մտնի այդ մացառուտների մեջ՝ մնաս բարո՜վ, ես նրան այլևս չեմ տեսնի․․․ Այստեղ, ի մեծ հուսախաբություն իմ, ես աղմուկ լսեցի․ այդ Բաֆուտի Քերծեներն էին վերադառնում։ Ինչ֊որ բան պետք էր անել, այն էլ շտապ, այլապես նրանք կվախեցներին իմ գեղեցկուհուն։ Ես դանդաղ ոտքի ելա, և մողեսը տագնապահար գլուխը բարձրացրեց։ Երբ խոտերը խշխշացին առաջին որսորդի քայլերից, ես առանց մտածելու նետվեցի մողեսի վրա։ Իհարկե, հարձակման անսպասելիությունն ինձ ինչ֊որ ծառայություն մատուցեց, չէ՞ որ մողեսը ամբողջ քառորդ ժամ նայում էր ինձ, իսկ ես նստած էի անշարժ, քարացածի նման, և նա ամենևին չէր սպասում, որ հանկարծ կնետվեմ նրա վրա բազեի նման։ Բայց առավելությունն իմ կարճատև դուրս եկավ․ սցինկը վայրկենապես ուշքի եկավ զարմանքից, և երբ ես շրմփացի կանաչին, հեշտ ու սահուն սողաց մի կողմ։ Ես շրջվեցի կողքի վրա, տարածեցի ձեռքս, փորձելով բռնել հեռացող մողեսին, և հենց այդ պահին որսորդը դուրս եկավ բացատ ու տեսավ, թե ինչով եմ ես այստեղ զբաղված։ Ինձ օգնության գալու փոխարեն, նա երկարաձիգ ոռնոցով ցատկեց ինձ մոտ և ինձ մի կողմ քաշեց իմ որսից։ Մողեսն անհետացավ խիտ խոտի մեջ, ու մենք էլ նրան չտեսանք։ Ես մի կողմ հրեցի որսորդի ձեռքը, որը սեղմել էր արմունկս, ու կատաղի հարձակվեցի նրա վրա։
― Ի՞նչ ես անում, ― բղավեցի ես նրա վրա, զայրույթից ինձ կորցրած։ ― Խենթացել ես, ինչ է։
― Մասա, ― արդարացավ որսորդը, հուզված շրխկացնելով մատները, ― դա վտանգավոր որս, վատ որս, սըր։ Եթե նա կծել մասա, մասան միանգամ կմեռնի։
Ես դժվարությամբ տիրապետեցի ինձ։ Այո՛, դա ինձ համար նորություն չէր, ես արդեն նման բան տեսել էի, աֆրիկացիները հաստատ համոզված էին, որ միանգամայն անվնաս որոշ սողուններ թունավոր են, նրանց խայթոցը մահացու է, հակառակը համոզել նրանց՝ անհնարին է։ Դրա համար էլ մի կերպ զսպեցի գայթակղությունս, որ հայտնեմ նրան, թե ինքը հիմար է, և փորձեցի դիմել համոզման ուրիշ մեթոդների։
― Ինչպե՞ս ես դուք անվանում այդ որսին, ― հարցրի ես։
― Մենք դրան անվանել Կե֊ֆոնգ֊գուու, սըր։
― Եվ դու ասում ես, որ նա շատ թունավո՞ր է։
― Շատ, մասա։ Դա վտանգավոր որս։
― Դե, լավ, հիմար մարդ։ Միայն թե դու մոռացել ես, որ եվրոպացիները հատուկ դեղ ունեն այդպիսի որսի խայթոցի դեմ։ Ի՞նչ է, դու մոռացար, որ եթե նա ինձ կծի, ես չեմ մեռնի։
― Ա՜, մասա, ես բոլորովին մոռանալ դա։
― Եվ դու վազում ես կնոջ նման։ Բղավում ես կոկորդովդ մեկ ու խանգարում ինձ բռնել այսպիսի սքանչելի որսը, և բոլորը նրա համար, որ դու այդ մասին մոռացել ես, հա՞։
― Մեղավոր եմ, սըր, ― շփոթված ասաց որսորդը։
Ես մատով թեթևակի խփեցի նրա գանգրահեր գլխին։
― Մյուս անգամ, բարեկամս, հիմարություն անելուց առաջ, մտածիր գլխով, ― խիստ ասացի ես։ ― Լսո՞ւմ ես։
― Ես լսես, սըր։
Երբ մյուս որսորդներն էլ մոտեցան, ես նրանց պատմեցի տեղի ունեցածի մասին, և նրանք բոլորը հառաչեցին ու շրխկացրին մատները։
― Հա՜, ― բացականչեց մեկը, և նրա ձայնի մեջ հիացմունք էր զգացվում։
― Մասա վախ չունենալ։ Նա փորձեր բռնել Կե֊ֆոնգ֊գուուին։
― Իսկ Ուանոն վերցրեց ու բռնեց մասային, ― ասաց մեկ ուրիշը, և բոլորը բարձր ծիծաղեցին։
― Այո, Ուանո, այսօր քեզ հաջողություն եղավ։ Մյուս անգամ մասա քեզ խփել, այդպիսի հիմար գործի համար, ― ասաց երրորդը, և բոլորը նորից վարակվեցին բարձրաձայն ծիծաղով․ ո՜վ կմտածեր, թե որսորդը կհամարձակվի անմտորեն խանգարել ինձ բռնելու գազանիկին։
Երբ, վերջապես, նրանք ծիծաղեցին֊պրծան, ես սկսեցի մանրամասն հարցուփորձ անել այդ մողեսի մասին։ Ես փոքր֊ինչ թեթևություն զգացի, երբ Քերծեներն ինձ հավատացրին, որ դրանցից այստեղ բավական շատ կան, և ես դեռ շատ առիթ կունենամ նրանց բռնելու։ Սակայն բոլորն էլ միաբերան պնդում էին, որ այդ մողեսը սարսափելի թունավոր է, թույնը նրա մահացու է, հավատացնում էին, որ եթե նույնիսկ ձեռքով կպչես, իսկույնևեթ ջղաձգումներով կընկնես գետին ու մի քանի րոպե հետո կմեռնես։ Հետո նրանք սկսեցին հարցնել, թե այս մահացու թույնի դեմ ի՞նչ դեղ կա, բայց ես խորհրդավոր տեսքով լռում էի։ Միայն ասացի, եթե ինձ համար այդպիսի մողես գտնեն, ես նրան կբռնեմ և բոլորին կապացուցեմ, որ չեմ տանջվի ջղաձգումներից ու չեմ մեռնի։ Նրանք իսկույն ուրախացան, շատ հետաքրքրվեցին կյանքի համար վտանգավոր այդ փորձով և խոստացան ինձ օգնել (և ոչ մեկը ըստ էության, չհավատաց իմ դեղին)։ Որսորդներից մեկն ասաց, որ գիտե մի տեղ, ուր կարելի է բազմաթիվ այդպիսի մողեսներ գտնել․ նա նույնիսկ պնդեց, որ այդ տեղն այնքան էլ հեռու չէ։ Մենք փաթեթավորեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք։ Որսորդները աշխույժ շատախոսում էին իրար հետ, երևի գրազ էին բռնում, կապրե՞մ արդյոք այն բանից հետո, երբ ձեռք կտամ Կե֊ֆոնգ֊գուուին, թե՞ կմեռնեմ։
Որսորդը, որը հանձն առավ ցույց տալ Կե֊ֆոնգ֊գուուների տեղը, շուտով մեզ տարավ այն հովտից մոտավորապես մեկ մղոն հեռու, ուր ես առաջին անգամ տեսա իմ գեղեցկուհուն, և մենք հայտնվեցինք հենց բլրի փեշերին։ Ուժեղ ջրհեղեղները մաքրել էին լանջերի կարմիր հողի շերտը, և նրա տակից երևում էին գորշ ու լերկ քարերը։ Միայն տեղ֊տեղ, ճեղքերի մեջ, մնացել էր հող, ու այստեղ բույսեր էին աճել, որոնց սնվելու համար բավական էր ընդամենը մի բուռ հող։ Քարե շերտերը երիզված էին բարձր ու ոսկեզօծ խոտով, ու ինչ֊որ մի տարօրինակ բույսով, որ նման էր ուղտափշի, բաց դեղնավուն գլխիկով, ինչպես գորտնուկը։ Արևի ճառագայթների տակ քարն ամբողջովին շիկացել էր, ձեռք տալն անհնարին էր։ Երբ ես քայլում էի լանջով, իմ կոշիկների ռետինե բարակ ներբանները կպչում էին գետնին, ասես ես քայլում էի ճանճորսիչ կպչուն թղթի վրայով։ Ես արդեն սկսեցի մտածել, արդյոք շատ տա՞ք չէ այս հնոցը նույնիսկ ամենաարևասեր մողեսի համար։ Եվ հանկարծ վառ գունավոր մի շերտ դուրս թռավ ցածր կանաչի կղզյակի միջից, հայտնվեց տոթից առկայծող ժայռի վրա ու մխրճվեց բարձր խոտի և ուղտափշի հուսալի հովանու տակ։
― Կե֊ֆոնգ֊գուո՜ւ, ― հայտնեցին Բաֆուտի Քերծեները, մեխվեցին տեղերում և ամուր սեղմեցին ձեռքներում բռնած տեգերը։ Երկյուղելով, որ նրանք ավելի շատ կխանգարեն ինձ, քան կօգնեն բռնելու ցանկալի որսը, ես պատվիրեցի նրանց մնալ տեղերում, իսկ ինքս գնացի առաջ։ Այս անգամ ես վերցրել էի թիթեռնացանցը և սկսեցի զգուշորեն, մեկը մյուսի հետևից, շրջանցել խոտի մանրիկ կղզյակները, որ դուրս էին ցցվել ժայռի ճեղքերից․ ցանցի փայտով թեթևակի խփում էի այդ ճեղքերին, ստուգելով, թե չի՞ թաքնվել այնտեղ մողեսը։ Ուղղակի զարմանալի է, թե որքան շատ ամեն տեսակ արարած կարող է թաքնվել կանաչի այսպիսի փոքրիկ օազիսում։ Ես վախեցրի ու տեղահան արի բազմաթիվ ու անհամար փոքրիկ մորեխների, մժեղների և մոծակների մի ամբողջ ամպի, հսկայական խումբ բազմերանգ թիթեռների, մի քանի բզեզների և մի քանի ճպուռների։ Այժմ ես հասկացա, թե ինչո՞ւ են հրապուրում մողեսին այս շիկացած և, թվում է, ամայի քարալանջերը։
Շուտով բախտս բերեց․ ես թիթեռնացանցի կոթը մտցրի հերթական խոտի փնջի մեջ, թեթևակի պտտեցրի այնտեղ և վախեցրի Կե֊ֆոնգ֊գուուին։ Նա դուրս թռավ իր թաքստոցից և սահեց ժայռի լերկ մակերեսով թեթև ու սահուն, ինչպես քարը՝ սառույցի վրա։ Ես նետվեցի նրա ետևից, բայց իսկույն գլխի չընկա, որ կարճ հեռավորության վազքի համար ես ու մողեսը պետք է տարբեր վազքուղիներ ունենանք։ Ոտքս ընկավ ճեղքի մեջ, և ես հասակովս մեկ բերանքսիվայր փռվեցի քարին։ Եվ մինչև ոտքի կելնեի ու կփնտրեի թիթեռացանցը, մողեսս անհետացավ։ Քրտինքն ինձնից հոսում էր գետի նման, շիկացած քարից այնպիսի տաքություն էր փչում՝ ինչպես օջախից, և ամենափոքրիկ շարժումից իսկ արյունս խփում էր գլխիս թմբուկի նման։ Բաֆուտի Քերծեները կանգնել էին խոտի մոտ և լուռ, հմայվածների պես, հետևում էին իմ ամեն մի շարժումին։ Ես մաքրեցի դեմքս, թիթեռնացանցը սեղմեցի քրտնքից լպրծուն դարձած ձեռքումս և համառորեն ուղղվեցի դեպի խոտի հաջորդ թուփը։
Այս անգամ ես գործում էի զգուշորեն․ թիթեռնացանցի կարթը մտցրի խոտի ցողունների մեջ, դանդաղ, թեթև պտտեցի այնտեղ, ետ ու առաջ և նույնպես զգուշությամբ դուրս քաշեցի։ Եվ ի՜նչ։ Ես վարձատրված էի։ Խոտի միջից դուրս ցցվեց վառ գլխիկը և հետաքրքրությամբ նայեց՝ ի՞նչ է պատահել։ Ես իսկույն հարվածեցի խոտին մողեսի ետևում և ցանցը դրի հենց այն պահին, երբ Կե֊ֆոնգ֊գուուն այնտեղից դուրս թռավ։ Եվս մի պահ, ու ես թիթեռնացանցը հանդիսավորությամբ բարձրացրի գլխիցս վեր, այնտեղ, ցանցի ծալքերի մեջ խճճված, հուսահատ դեսուդեն էր ընկնում Կե֊ֆոնգ֊գուուն։ Ես ձեռքս մտցրի ցանցից ներս և բռնեցի գերու մեջքից, որի համար նա անհապաղ ինձնից վրեժխնդիր եղավ․ ծնոտներով բռնեց բութ մատս։ Մողեսի ծնոտները շատ ուժեղ են, բայց ատամները փոքրիկ են, այնպես որ խայթոցը ամենևին էլ ցավոտ չէր ու միանգամայն անվնաս։ Որպեսզի ինչ֊որ բանով զբաղեցնեմ գերուս, ես մատս տվի նրան ծամելու, իսկ ինքս այդ ընթացքում հանեցի նրան ցանցից։ Վեր բարձրացրի օդի մեջ շլացուցիչ, գեղեցիկ նախշերով մարմինը և թափահարեցի ինչպես դրոշ։
― Նայեցե՜ք, ― բղավեցի ես որսորդներին, որ բերանները բաց ու աչքերը չռած նայում էին ինձ։ ― Այ, ես բռնեցի Կե֊ֆոնգ֊գուուին։
Փափուկ պարկերը, որոնցով մենք սովորաբար տեղափոխում ենք սողուններին, մնացել էին որսորդների մոտ, ուստի ես թիթեռնացանցը նետեցի ժայռի վրա և գնացի նրանց մոտ, շարունակելով ձեռքումս սեղմել մողեսին։ Այստեղ Բաֆուտի Քերծեները, բոլորը մի մարդու պես, ցած գցեցին իրենց տեգերը և նետվեցին բարձր խոտի մեջ, ինչպես վախեցած այծքաղների հոտ։
― Ինչի՞ց եք վախենում, ― գոռացի ես նրանց ետևից։ ― Ես պինդ բռնել, նա չի փախչի։
― Մասա, մենք ուժեղ, շատ վախենալ, ― խմբովին պատասխանեցին Քերծեները, թաքնվելով ոսկեգույն մացառուտների մեջ, ինձնից անվտանգ հեռավորության վրա։
― Ես սրբեցի ճակատս։
― Մի պարկ բերեք այս որսի համար։
― Մասա, մենք վախենալ․․․ դա վտանգավոր որս, ― լսվեց պատասխանը։
Ես զգացի, որ անհրաժեշտ է մի ինչ֊որ չափազանց համոզիչ ու անհերքելի բան հորինել, թե չէ պիտի վազեմ իմ քաջ որսորդների ետևից ամբողջ հովտով մեկ, որ մողեսի համար պարկ վերցնեմ նրանցից։ Ես նստեցի գետնին, թավ խոտերի բացատի եզրին և ահեղ հայացքս հառեցի Քերծեներին։
― Եթե հենց հիմա ձեզնից որևէ մեկը ինձ չբերի պարկը այս որսի համար, ― հայտարարեցի ես բարձր ու զայրացկոտ, ― վաղը ես ուրիշ որսորդներ կվերցնեմ ինձ համար։ Իսկ եթե Ֆոնը հարցնի ինձ, թե ինչու ես այդպես արեցի, կասեմ, որ ինձ հարկավոր են իսկական տղամարդիկ, որսորդներ, որոնք ոչինչից չեն վախենում։ Իսկ կանայք ինձ իսկի էլ պետք չեն։
Բարձր խոտերի մեջ լռություն տիրեց, որսորդները որոշում էին, թե ինչն է ավելի սարսափելի՝ իմ ձեռքի Կե֊ֆոնգ֊գուուն, թե Ֆոնը՝ Բաֆուտում։
Որոշ ժամանակ անց հաղթեց Ֆոնը, և նրանք դանդաղ, դժկամորեն, մոտեցան ինձ։ Մեկը, շարունակելով մնալ պատկառելի հեռավորության վրա, ինձ նետեց պարկը, բայց ես մտածեցի, որ թերևս, մինչև մողեսին պարկի մեջ մտցնելը արժի նրանց ինչ֊որ բան ցույց տալ։
― Բոլորդ նայեցեք, ― բացականչեցի ես ու վեր բարձրացրի ցնցվող մողեսին, որ բոլորը տեսնեն։ ― Լավ նայեցեք, հիմա դուք կտեսնեք, որ այս որսը չի կարող ինձ թունավորել։
Բռնելով սցինկին մի ձեռքով, ես մյուս ձեռքիս ցուցամատը դանդաղ մոտեցրի ուղիղ նրա քթին, մողեսը մի պահ սպառնագին բերանը բացեց և, սարսափահար որսորդների բացականչությունների տակ, մատս խորը մտցրի նրա բերանը՝ թող ծամի քեֆն ուզածի չափ․ Բաֆուտի Քերծեները ասես տեղնուտեղը քարացան, և ապշահար, ակնհայտորեն չհավատալով իրենց աչքերին, նայում էին, թե ինչպես է մողեսը կրծում մատս։ Այ այսպես, աչքերը չռած, բերանները բաց, շունչները պահած ու ամբողջ մարմնով առաջ ընկած, նրանք նայում էին, թե ինչ է լինելու։ Ինչ կլինի ինձ հետ՝ կենդանու ահավոր խայթոցներից հետո։ Մի քանի վայրկյան հետո մողեսը ձանձրացավ մատս անօգուտ կրծելուց և բաց թողեց։ Ես խնամքով նրան դրեցի պարկի մեջ, կապեցի և միայն դրանից հետո շրջվեցի դեպի որսորդները։
― Դե, տեսա՞ք, ― հարցրի ես։ ― Այս որսը ինձ կծեց, այնպես չէ՞։
― Այո՛, սըր, ― երկյուղած շշնջացին որսորդները։
― Դե, նա թույն լցրեց իմ մեջ, հա՞։ Ու դուք հիմա մտածում եք, որ ես հիմա կմեռնեմ։
― Ո՛չ, սըր։ Եթե այդ որս կծել մասա, և մասա իսկույն չմեռնել, հիմա նա երբեք չմեռնել։
― Ճիշտ է, ես չեմ մեռնի, ես հատուկ դեղ ունեմ, ― ստեցի ես և համեստությամբ ուսերս թոթվեցի։
― Ա՜, ա՜, ա՜։ Այդպես, ուրեմն մասան հիանալի դեղ ունի, ― հաստատեց Բաֆուտի Քերծեներից մեկը։
Ես այդ ամենն արեցի բնավ ոչ այն բանի համար, որ նրանց ցույց տամ սպիտակ մարդու առավելությունը սևի նկատմամբ․ այս փոքրիկ ներկայացման իսկական պատճառը իմ անհուն ցանկությունն էր՝ որքան կարելի է շատ որսալ այդպիսի մողեսներ, իսկ ես գիտեի, որ մողես չեմ ստանա առանց որսորդների օգնության ու աջակցության։ Եվ այդ օգնությունն ապահովելու համար պետք է հաղթահարեմ նրանց վախը, իսկ ես կարող էի այդ անել միայն մեկ ձևով․ առարկայաբար ցույց տալ, որ իմ «առասպելական» դեղը շատ ավելի զորեղ է Կե֊ֆոնգ֊գուուի «մահացու» խայթոցից։ Հետագայում, այս նույն դեղի անվան տակ ես նրանց կտամ մի որևէ անմեղ հեղուկ, և այդ հրաշք֊էլիքսիրով զինված, նրանք կմեկնեն որսի ու ինձ համար կբերեն վառ գույներով փայլող Կե֊ֆոնգ֊գուուներով լի պարկեր։
Վերադարձի ճանապարհին ես փքված քայլում էի, հպարտորեն տանելով թանկարժեք սցինկին և չափազանց գոհ էի ինքս ինձնից․ չէ՞ որ շատ խորամանկ բան հորինեցի այս գեղեցիկ մողեսներին որսալու համար։ Ինձ հետևում էին թեթևոտն Բաֆուտի Քերծեները, նրանք քայլում էին լուռ և դեռ շարունակում էին ինձ նայել հարգալից զարմանքով։ Ամեն անգամ, երբ որևէ մեկը հանդիպում էր մեզ ճանապարհին, նրանք շտապում էին հաղորդել իմ ամենազորության մասին, և հանդիպողները սարսափում էին, ապշում և բարձրաձայն ախ քաշում։ Իհարկե, յուրաքանչյուր նոր կրկնության դեպքում այս պատմությունը ձեռք էր բերում ապշեցուցիչ մանրամասներ։ Երբ մենք հասանք իմ առանձնատանը, և մողեսը տեղավորվեց ընդարձակ վանդակի մեջ, ես հավաքեցի Բաֆուոտի բոլոր Քերծեներին և նրանց առջև մի փոքրիկ ճառ արտասանեցի։ Ասացի, թե ինչպես նրանք իրենց սեփական աչքերով տեսան, որ իմ դեղը հիանալի պաշտպանության միջոց է Կե֊ֆոնգ֊գուուի խայթոցի դեմ։ Որսորդները ջերմորեն գլխով արին ի նշան համաձայնության։ Ուստի, շարունակեցի ես, վաղը բոլորդ կստանաք հրաշագործ հեղուկը (չէ՞ որ ինձ հարկավոր է դեռ շատ այդպիսի մողեսներ բռնել, իսկ այդ դեղով նրանք կարող են համարձակ բռնել մողեսին) և այլևս վախենալու բան չեք ունենա։ Եվ այս խոսքի վրա բարեհամբույր ու լայն ժպտացի, սպասելով հիացական բացականչությունների։ Սակայն ոչ մի հիացմունք չհաջորդեց․ ընդհակառակը, որսորդները ավելի մռայլվեցին և խոժոռված դոփդոփեցին տեղերում, նրանց բոբիկ ոտքերի մատները խրվում էին ճանապարհի փոշու մեջ։
― Դե ի՞նչ, ― հարցրի ես երկար լռելուց հետո, ― դուք համաձայն չե՞ք։
― Ո՛չ, մասա, ― մրմնջացին Քերծեները։
― Իսկ ինչո՞ւ։ Միթե չլսեցիք, որ ես ձեզ կտամ իմ հատուկ դեղը։ Ինչի՞ց եք վախենում։
Որսորդները քորում էին ծոծրակները և մի ոտքից մյուսին էին հենվում, անօգնական նայելով իրար, և վերջապես նրանցից մեկը սիրտ առավ, մի քանի անգամ հազաց ու խոսեց․
― Մասա, ― սկսեց նա, ― քո դեղ, իհարկե, նա շատ լավ։ Մենք դա ինքներս տեսնել։ Մենք տեսնել, ինչպես որսը կծել մասա, և մասա չմեռնել։
― Ուրեմն, ինչո՞ւմն է բանը։
― Դա դեղը, մասա, դա կախարդի միայն սպիտակ մարդ։ Նա չի կախարդի սև մարդ։ Մասայի համար դա լավ դեղ, մեզ համար դա վատ։
Մի ամբողջ կես ժամ ես նրանց համոզում էի, խնդրում, հավատացնում։ Նրանք շատ հարգալից էին, բայց անհողդողդ․ դեղը պիտանի է սպիտակների համար, իսկ սևերի վրա չի ներգործի։ Դրանում նրանք համոզված էին և հաստատ կանգնած էին իրենց տեսակետի վրա։ Ի՜նչ ասեք, որ չէի հնարում, ջանալով նրանց համոզել։ Բայց իզուր։ Վերջում, չափազանց զայրանալով, որ իմ խորամանկ պլանը չանցավ, ես արձակեցի որսորդներին և գնացի ճաշելու։
Երեկոյան մի շիշ գինով հայտնվեց Ֆոնը, ավագանու հինգ անդամների ուղեկցությամբ։ Կես ժամ մենք նստեցինք լուսնի լույսով ողողված պատշգամբում և անկապ խոսում էինք դեսից֊դենից, հետո Ֆոնը իր աթոռը մոտեցրեց իմին, թեքվեց վրաս, և բարի կաշառող ժպիտը լուսավորեց նրա դեմքը։
― Մի մարդ ասել ինձ, դու բռնել Կե֊ֆոնգ֊դուու, ― ասաց Ֆոնը։ ― Այդ մարդ ինձ ճի՞շտ ասել։
― Այո՛, ճիշտ է, ― գլխով արի ես։ ― Շատ լավ որս է այդ մողեսը։
― Այդ մարդ ասել, դու բռնել Կե֊ֆոնգ֊դուուին, մերկ ձեռքերով, ― շարունակեց Ֆոնը։ ― Ես կարծեմ, այդ մարդ ճիշտ չասել, հա՞։ Այդ որս, Կե֊ֆոնգ֊գուուն, նա շատ վտանգավոր, նրան չի կարելի ձեռքը դատարկ բռնել, հը, նա մի անգամ քեզ սապնի, այդպես չէ՞։
― Ո՛չ, այդ մարդը ճիշտ է ասել քեզ, ― վճռականորեն վրա բերի ես։ ― Ես մողեսին բռնել էի մերկ ձեռքով։
Լսելով իմ պատասխանը, ավագանու անդամները աղմկոտ հոգոց հանեցին, իսկ Ֆոնը, հենվելով աթոռի թիկնակին, աչքերը լայն բացած նայեց ինձ։ ― Եվ երբ դու նրան բռնել, նա ինչ անել, ― հարցրեց Ֆոնը երկար լռությունից հետո։
― Նա ինձ կծեց։
Ֆոնը և նրա խորհրդականները միաբերան ախ քաշեցին։
― Նա ինձ կծեց այ այստեղ, ― ասացի ես և մեկնեցի ձեռքս, իսկ Ֆոնը երերաց, ասես ես նրա վրա հրացան էի ուղղել։ Նա և նրա խորհրդականները նայում էին ձեռքիս անվտանգ հեռավորությունից և աշխուժորեն ինչ֊որ բանի մասին խոսում։
― Ինչո՞ւ դու չմեռնել, ― հարցրեց հետո Ֆոնը։
― Մեռնե՞լ, ― մռայլվեցի ես։ ― Իսկ ինչու պիտի մեռնեի։
― Չէ՞ որ այս որս վտանգավոր, ― հուզված ասաց Ֆոնը, ― նա շատ անգամ ուժեղ կծել։ Եթե նրան բռնի սև մարդ, նա մի անգամ մեռնի։ Ինչու դու երբեք չմեռնել, բարեկամս։
― Դե՛, ինձ մոտ դրա համար հատուկ դեղ կա, ― անփութորեն ասացի ես։
― Եվ նորից բոլոր նեկա գտնվողները միասին հառաչեցին։
― Այդ դեղը եվրապակա՞ն, ― հարցրեց Ֆոնը։
― Այո՛, ուզո՞ւմ ես քեզ ցույց տամ։
― Այո՛, այո՛, հիանալի է, ― բացականչեց Ֆոնը։
Բոլորը լուռ սպասում էին, իսկ ես գնացի սենյակս և բերեցի իմ դեղարկղը։ Հետո արկղից հանեցի բորաթթվի փոշին և մի պտղունց լցրի ափիս մեջ։ Բոլորն ագահորեն պարանոցներն երկարացրին, ջանալով ավելի լավ տեսնել հրաշագործ դեղը։ Ես այն լուծեցի մեկ բաժակ ջրում և լուծույթով շփեցի ձեռքերս։
― Ահա և բոլորը, ― ասացի ես և տարածեցի ձեռքերս, ինչպես իսկական ձեռնածու։ ― Այժմ Կե֊ֆոնգ֊գուուն ինձ չի կարող սպանել։
Դրանից հետո ես մոտեցա վանդակին, բացեցի դռնակը և շրջվեցի դեպի իմ հյուրերը, ձեռքումս պահելով կենդանուն։ Լսվեց հագուստների խշխշոց, և ավագանու բոլոր անդամները, խռնվելով ու հրմշտելով իրար, վախեցած ոչխարների հոտի պես նետվեցին պատշգամբի մյուս ծայրը։ Ֆոնը չշարժվեց իր բազկաթոռում, բայց երբ տեսավ, որ ես ուղղվում եմ նրա կողմը, նրա դեմքին սարսափ և զզվանք հայտնվեց։ Ես կանգնեցի նրա բազկաթոռի առաջ և նրան մեկնեցի մողեսը, որը պատրաստվում էր կծել մատս։
― Նայիր, տեսնո՞ւմ ես, ― ասացի ես, ― այս որսը չի կարող ինձ սպանել։
Աչքը չկտրելով մողեսից, Ֆոնը ապշահար՝ սուլոցով արտաշնչեց օդը։ Վերջապես, մողեսից կտրեց հմայված հայացքը և նայեց ինձ։
― Այդ դեղ․․․ ասաց նա խռպոտ ձայնով։ ― Նա պիտանի՞ սև մարդու համար։
― Շատ պիտանի է սև մարդու համար էլ։
― Եվ սև մարդ չի՞ մեռել։
― Ոչ մի դեպքում, բարեկամս։
Ֆոնը հենվեց բազկաթոռի թիկնակին և զարմացած նայեց ինձ։
― Ա՜, ― ասաց վերջապես նա։ ― Հիանալի բան, այդ դեղը։
― Ուզո՞ւմ ես փորձել քեզ վրա, ― անփույթ ասացի ես։
― Է՜, է՜, է՜․․․ այո՛, այո՛, հիանալի, ― տագնապով պատասխանեց Ֆոնը։
Ժամանակ չտալով նրան ետ կանգնելու իր մտքից, ես մողեսին նորից դրեցի վանդակը և ջրի մեջ մի քիչ էլ բորաթթու լուծեցի։ Հետո Ֆոնին մի անգամ էլ ցույց տվի, թե ինչպես են դրանից օգտվում, և նա երկար, ջանասիրաբար շփեց իր հսկայական ափերը «կախարդական ջրով»։ Վերջապես, բերեցի վանդակը, դուրս հանեցի մողեսին և մեկնեցի Ֆոնին։
Վրա հասավ վճռական պահը։ Խորհրդականները շրջապատեցին մեզ, այնուամենայնիվ, աշխատելով շատ չմոտենալ և, շունչները պահած՝ նայում էին մեզ։ Նրանց դեմքերը վախից աղավաղվել էին, իսկ Ֆոնը լիզեց շրթունքները, ձեռքը մեկնեց դեպի մողեսը, բայց անմիջապես էլ տագնապահար ետ քաշեց․ հետո նորից մեկնեց։ Մի պահ տատանում, և, վիթխարի սև ձեռքը կախվեց օդում՝ ծիածանագույն մողեսի վրա, վերջապես մի խոր շունչ և մողեսը նրա ձեռքում էր, վստահորեն բռնված իրանի մեջտեղից։
― Ա՜, ա՜, ա՜, ― հառաչեցին հանդիսականները։
― Ահա, ես նրան բռնել, ― աղաղակեց Ֆոնը և դժբախտ մողեսին սեղմեց այնպիսի ուժով, որ ես վախեցա նրա կյանքի համար։
― Կամաց, ― շշնջացի ես, ― մի սեղմիր այդպես, դու նրան կսպանես։
Բայց Ֆոնը ասես քարացել էր, սեփական խիզախության նկատմամբ վախի ու հիացմունքի բարդ խառնուրդը ապշեցրել էր նրան։ Նա նստել էր անշարժ, աչքը չկտրելով մողեսից, որ սեղմված էր ձեռքում, և միայն մրմնջում էր։
― Ես նրան վերցնել․․․ ես նրան պահել․․․
Ես ստիպված էի ուժով բացել նրա մատները, խլել չարաբաստիկ մողեսին և նորից դնել վանդակը։
Ֆոնը զննեց իր ձեռքը և հետո հայացքը բարձրացրեց ինձ վրա․ նրա դեմքը փայլում էր զուտ մանկական ուրախությամբ։ Խորհրդականները ինչ֊որ բան էին խոսում իրար հետ։ Ֆոնը ձեռքը թափահարեց ինձ վրա և ծիծաղեց։ Նա քահ֊քահ ծիծաղում էր, ծիծաղում ու ոչ մի կերպ չէր կարողանում դադար առնել։ Ծիծաղելիս նա խփում էր ազդրերին, երեքտակ ծալվում իր բազկաթոռում, հազում, չորս կողմը թուք թռցնում, և նրա դեմքով հոսում էին արցունքները։
Այդ ծիծաղն այնքան վարակիչ էր, որ ծիծաղեցի ես էլ, իսկ շուտով խորհրդականներն էլ ետ չմնացին։ Մենք բոլորս ոտքերով դոփում էինք և այնպես էինք ծիծաղում, ասես կյանքում էլ դրան վերջ չենք տալու։ Վերջապես, ծիծաղող խորհրդականներից մեկի շունչն ուղղակի կտրվեց և նա գլորվեց հատակին, իսկ Ֆոնը ցնցվելով ծիծաղի բուռն պոռթկումներից, ուժասպառ ընկավ բազկաթոռի թիկնակին։
― Այդ ինչու եք դուք ծիծաղում, ― ծիծաղի միջից մի կերպ ասացի ես։
― Այո՛, շատ ծիծաղելի, ― գալարվելով ծիծաղից ասաց Ֆոնը։ ― Շատ երկար ժամանակ, դեռ այն ժամանակից, երբ ես եղել շատ փոքր ու հետո, ես միշտ վախենալ այդ որսից։ Հա՛, շատ վախենալ նրանից։ Իսկ հիմա դու ինձ տալ դեղ, և ես նրանից չվախենալ։
Նա նորից ընկավ բազկաթոռի թիկնակին և հենց միայն այդ մտքից սկսեց այնպես ծիծաղել, որ նույնիսկ հեծկլտում էր արդեն։
― Կե֊ֆոնգ֊գուու, քո ժամանակն անցել, ես քեզնից էլ չվախենալ, ― ծիծաղից խեղդվում էր նա։
Հետո, ամբողջովին թուլացած հռհռոցից, ուժ չունենալով ուղղվելու, մենք խմեցինք շշի մեջ մնացածը, և Ֆոնը գնաց իր տունը, խնամքով սեղմելով ձեռքում բորաթթվի փոշու ծրարը։ Ես նրան զգուշացրի, որ այս դեղը հիանալի օգնում է ագամների, Կե֊ֆոնգ֊գուուների և գեկոնների խայթոցի դեպքում։ Բայց եթե օձը խայթի, ոչ մի կերպ չի օգնի։ Ինչպես որ ես սպասում էի, այդպես էլ եղավ․ այն լուրը, որ իմ դեղը Ֆոնին դարձրել է անխոցելի, ― նա բռնել է ձեռքում Կե֊ֆոնգ֊գուուին և մնացել է ողջ ու առողջ, ― հենց հաջորդ օրն ևեթ բոլորի շուրթերին էր։ Դեռ մինչև մութն ընկնելը ինձ մոտ եկան իմ Քերծեները և ինձ ողողեցին այնպիսի ժպիտներով, որ ուղղակի անհնարին էր բարկանալ նրանց վրա։
― Դե, ի՞նչ պատահել, ― սառն հարցրի ես։
― Մասա, ― խնդրեցին Քերծեները, ― տուր մեզ այն դեղ, որ դու տալ Ֆոնին, և մենք գնալ որսալ մասա համար Կե֊ֆոնգ֊գուու։
Հենց այդ նույն երեկո ես դարձա երկու արկղ հարթավայրային գեղեցկագույն մողեսների՝ սցինկների երջանիկ տերը, իսկ Բաֆուտի Քերծեները, բաֆուտցիների բազմությամբ շրջապատված՝ գարեջուր էին խմում ու հիացած ունկնդիրներին գունեղ նկարագրում էին որսի բոլոր մանրամասնությունները, դե, իհարկե, զարդարելով պատմությունը ամեն տեսակ հորինվածքներով։ Ես նստել էի պատշգամբում և նույնպես լսում էի ու միաժամանակ գրություն էի գրում մոտակա դեղատանը՝ խնդրելով ինձ ուղարկել բորաթթու։ Անկասկած, այն դեռ ինձ շատ ու շատ պետք կգա։