Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 156 448 բայտ, 17:48, 8 Հունիսի 2016
Շրջապատողները շատ լավ գիտեին, որ կտրելով սննդանյութերի ներմուծումը քաղաք՝ անպայման իրենք կհաղթեին։ Գեներալ Ռոսասն այս մասին առաջուց չէր կարող իմացած լինել, բայց այդ թվում է թե բոլորովին համապատասխանում է իր պարտիայի ծրագրին։ Մի տարի հետո նա ընտրվեց նահանգապետ, բայց նա մերժեց նահանգապետ լինել մինչև պալատը նրան չտար արտակարգ իրավունքներ։ Այս պահանջը մերժվեց, և այն օրվանից սկսած մինչև այժմ նրա պարտիան ապացուցել է, որ ոչ մի այլ նահանգապետ նրան փոխարինել չի կարող։ Երկու կողմից էլ պատերազմը հայտնապես հետաձգված էր, մինչև պարզվեր Ռոսասի վերաբերմունքը։ Բուենոս Այրեսից դուրս գալուց մի քանի օր հետո մի տեղեկություն ստացվեց, ըստ որի գեներալը դժգոհ էր խաղաղությունը խանգարվելու համար, բայց գտնում էր, որ արդարությունը պաշարող պարտիայի կողմն է։ Սոսկ այս հայտարարության առթիվ նահանգապետը, մինիստրները և զինվորականների մի մասը, թվով մի քանի հարյուր մարդ, անմիջապես փախչում են քաղաքից։ Ապստամբները մտնելով քաղաք՝ ընտրում են նոր նահանգապետ, և իրենց ծառայության համար 5500 մարդ պարգևատրվում են։ Այս բոլորից հետո պարզ էր, որ Ռոսասը վերջնականապես դառնալու էր դիկտատոր։ Այստեղ, ինչպես և այլ ռեսպուբլիկաներում, ժողովուրդն առանձին ատելություն ունի թագավոր տիտղոսի նկատմամբ։ Հարավային Ամերիկայից դուրս գալուց հետո իմացանք, որ Ռոսասն ընտրվել է առանձին իրավունքներով և այնպիսի ժամանակով, որ չի համապատասխանում ռեսպուբլիկայի կոնստիտուցիային։
 
 
==ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՆԴԱ ՈՐԻԵՆՏԱԼ ԵՎ ՊԱՏԱԳՈՆԻԱ==
 
<FONT SIZE="-2">Ուղևորություն դեպի Կոլոնիա դել Սակրամիենտո.— Մի ֆերմայի արժեքը.— Խոշոր եղջերավոր անասունների հաշվելու եղանակը.— Եզների զարմանալի ցեղ.— Ծակոտկեն խճեր.— Հովիվ շներ.— Ձիերի վարժեցում.— Գաուչոները որպես ձիավորներ.— Բնակիչների սովորությունները.— Ռիո Պլատա.— Թիթեռնիկների խմբեր.— Օդանավորդ սարդեր.— Ծովի ֆոսֆորէսցենցիան.— Պորտ Դեզիրեն.— Գուանակո.— Պորտ Սեն Խուլիան.— Պատագոնիայի երկրաբանությունը.— Բրածո հսկա կենդանիների մնացորդներ.— Ամերիկայի կենդանական աշխարհի փոփոխությունները.— Անհետացման պատճառները։</FONT>
 
Մոտ երկու շաբաթ քաղաքում հապաղելուց հետո չափազանց ուրախ էի, որ ինձ հաջողվել էր փախչել դեպի պոստատար մի նավ, որը գնում էր Մոնտեվիդեո։
 
Պաշարված վիճակում գտնվող քաղաքում ապրելը միշտ անհաճո է լինում, իսկ այս դեպքում ավելանում էր նաև ներսում գտնվող ավազակների կողմից մշտական վտանգը։ Ամենից սոսկալին պահակներն էին, որովհետև օգտվելով իրենց պաշտոնական դիրքից և զինվածությունից՝ սրանք այնպես համարձակ և լիազորված էին կողոպտում, որ մյուս ավա
 
զակները նման կողոպուտ չէին կարող անել։
 
Մեր ճանապարհը շատ երկար էր և ձանձրալի։ Քարտեզի վրա Պլատան ունի հոյակապ գետաբերանի տեսք, բայց իրականում նա շատ անհրապույր է։ Այդ տղմոտ ջրի ընդարձակ տարածությունը ոչ վեհություն ունի, ոչ գեղեցկություն։ Օրվա ընթացքում միայն մի անգամ նավի վրայից հազիվ կարելի էր նկատել երկու ափերը միասին, որոնք չափազանց ցածր են։ Մոնտեվիդեո հասնելիս պարզվեց, որ «Բիգլ»-ը որոշ ժամանակով մնալու էր, ուստի ես պատրաստվեցի Բանդա Օրիենտալի այս մասում մի կարճ ճանապարհորդություն կատարելու։ Այն ամենը, ինչ որ ասել եմ Մալդոնադոյին մոտիկ գտնվող երկրի մասին, կարելի է վերագրել նաև այս երկրին. բայց այս երկիրը՝ բացառությամբ Կանաչ Սարի, որի բարձրությունը 450 ոտնաչափ է, և որի անունով կոչվում է այդ շրջանը, անհամեմատ ավելի հարթ է, քան Մալդոնադոն։ Կանաչով ծածկված ալիքավոր բլուրներ քիչ են պատահում։ Սակայն քաղաքի մոտերքում կան մի քանի բարձունքներ՝ ադավենիներով, կակտուսներով և սամիթով ծածկված։
 
'''Նոյեմբերի 14.'''— Մոնտեվիդեոյից դուրս եկանք կեսօրից հետո։ Ես մտադիր էի շարժվել Կոլոնիո դել Սակրամիենտոյի ուղղությամբ, որը գտնվում է Պլատայի հյուսիսային ափին, Բուենոս Այրեսի դիմացը. այնտեղից Ուրուգվայի ընթտցքով գնալու էինք Մերսեդես գյուղը, Ռիո Նեգրո գետի վրա (այս անունով Հարավային Ամերիկայում կան բազմաթիվ գետեր, որոնցից մեկն այս գետն է) և այդտեղից ուղիղ գծով վերադառնալու էինք Մոնտեվիդեո։ Գիշերը քնեցինք Կանելանեսում՝ իմ ուղեկցի տանը։ Առավոտյան վեր կացանք շատ վաղ՝ հույս ունենալով անցնել մի զգալի տարածություն. բայց մեր հույսերն ի դերև անցան, որովհետև բոլոր գետերը հեղեղվել էին։ Կանելոնես, Սանտա Լուսիա և Սան Խոսե գետերն անցանք նավակներով, ուստի և բավականին ժամանակ կորցրինք։ Նախկին մի ճանապարհորդության ժամանակ Լուսիա գետն անցա իր գետաբերանի մոտից, և ես շատ զարմացած էի տեսնելով, թե ինչպիսի հեշտությամբ մեր ձիերը, չնայած իրենց անվարժության, լողալով անցան ավելի քան վեց հարյուր կանգուն լայնությունից։ Այս բանը Մոնտեվիդեոյում պատմելիս ինձ ասացին, որ մի նավ, որի մեջ լինում են մի քանի լարախաղացներ իրենց ձիերով, խորտակվում է Պլատայում, մի ձի լողալով յոթը մղոն՝ հասնում է ափ։ Այդ օրը ես ուրախությամբ դիտում էի մի գաուչոյի Ճարպկությունները, որոնցով նա ստիպում էր մի համառ ձիու լողալով անցնել գետը։ Նա շորերը հանեց և թռչելով ձիու կռնակը՝ քշեց նրան ջրի խոր տեղերը, մինչև ձիու ոտները գետնից բոլորովին կտրվեցին, այնուհետև սահելով ձիուց ներքև՝ բռնեց պոչից։ Երբ ձին շուռ էր գալիս, մարդը վախեցնում էր նրան և ետ դարձնում գլխի վրա ջուր ցայտեցնելով։ Հենց որ ձիու ոտքերը գետի մյուս կողմում հատակին դիպան, մարդը նորից թռավ նրա կռնակին և, սանձը ձեռին ամուր բռնած, չէր թողնում ձիուն, որ ափ դուրս գա։ Մերկ մարդը մերկ ձիու վրա ներկայացնում է մի գեղեցիկ տեսարան։ Ես չէի երևակայում, թե ինչպես այդ երկու կենդանիներն իրար այդքան համապատասխանում են։ Ձիու պոչը երբեմն շատ օգտակար հավելված է։ Մի անգամ չորս մարդու հետ գետն էի անցնում մի նավով, որը քաշում էր ձին իր պոչով։ Եթե մարդը և ձին մի լայն գետ են անցնում, մարդու համար ամենահարմարը մի ձեռքով թամբագնդից կամ բաշից բռնելն է, իսկ մյուս ձեռքով կարող է ղեկավարել իրեն։
 
Հաջորդ օրը մնացինք Կուֆր պոստում, որտեղ գիշերել էինք։ Երեկոյան եկավ նամակատարը։ Ռիո Ռոսարիոյի հեղեղման պատճառով նա մի օրով ուշացել էր։ Նրա այդ ուշացումն այնքան էլ մեծ դժբախտություն չէր, որովհետև չնայած նա անցել էր Բանդա Օրիենտալի մի քանի գլխավոր քաղաքներով, այնուամենայնիվ նրա պայուսակում միայն երկու նամակ կար։ Այդ տան առջև բացվում էր մի ալիքավոր կանաչ, հաճելի տեսարան, հեռվում երևում էր Լա Պլատան։ Այժմ այդ շրջանի վրա ես այնպիսի աչքերով եմ նայում, որ իմ դիտողությունները բոլորովին տարբերվում են առաջին անգամ այնտեղ ժամանելու դիտողություններից։ Ես հիշում եմ, որ ես այն ժամանակ այդ շրջանը համարում էի կատարյալ հարթ, բայց այժմ անցնելով պամպասով՝ ինձ համար չափազանց զարմանալի է, թև ինչ նկատառումով էի ես այն հարթ անվանում։ Այդ շրջանը ներկայացնում է ալիքավորումների մի շարք, որոնք առանձին վերցրած թեև բացարձակ մեծ չեն, բայց երբ համեմատելու լինենք Սանտա Ֆեի հարթավայրերի հետ, իրական սարեր են։ Այս փոքր անհարթությունների շնորհիվ գոյություն ունեն բազմաթիվ փոքրիկ գետակներ, իսկ գետինը ծածկված է փարթամ բուսականությամբ։
 
'''Նոյեմբերի 17.'''— Անցանք Ռոսարիոն, որը խոր էր և սրընթաց, և անցնելով Կոլլա գյուղը կեսօրին հասանք Կոլոնիա դել Սակրամիենտո։ Այդ տարածությունը քսան փարսախ է. թեև այդ շրջանը ծածկված է ընտիր կանաչ խոտով, բայց բնակչությամբ և անասունների քանակով աղքատ է։ Ինձ հրավիրեցին գիշերելու Կոլոնիայում և հաջորդ օրը մի պարոնի ձետ գնալու իր ֆիրման, որտեղ կային կրաքարի ապառներ։ Քաղաքը շինված է մի քարոտ հրվանդանի վրա գրեթե այնպես, ինչպես Մոնտեվիդեոն։ Նա շատ լավ ամրացված է, բայց և՛ քաղաքը, և՛ ամրությունները բրազիլիական պատերազմներին ենթարկվել են ավերումների։ Նա շատ հին քաղաք է, և՛ .փողոցների անկանոնությունը, և՛ շրջապատի նարնջի և դեղձի ծառերից կազմված պուրակները նրան գեղեցիկ տեսք էին տվել։ Եկեղեցին ներկայացնում է մի հետաքրքրական ավերակ, նա եղել է վառոդի պահեստ և Ռիո Պլատայի տասնյակ հազարավոր որոտներից մեկի կայծակը խփել էր այս եկեղեցուն։ Շենքի երկու երրորդ մասը հիմքից ցիրուցան էր եղել, իսկ մնացածը կանգնած է որպես վառոդի և կայծակի միացյալ ուժերից խորտակված շենքի հետաքրքրական հուշարձան։ Երեկոյան ես թափառում էի քաղաքի կիսակործան պատերի տակ։ Այդ քաղաքը եղել էր բրազիլիական պատերազմի գլխավոր վայրը,— մի պատերազմ, որը վերին աստիճանի վնասակար հետևանքներ էր թողել այդ երկրում. այդ չարիքները ոչ միայն անմիջական ավերումներն էին, այլ նաև պատերազմի շնորհիվ բազմաթիվ գեներալների և այլ կարգի սպաների առաջանալն էր։
 
Թվով ավելի շատ գեներալներ կան (բայց անվճար) Լաս Պլատայի միացյալ գավառներում, քան Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության մեջ։ Այս մարդիկ սովորել են իշխել և երբեք չեն խուսափում ընդհարումներից։ Բազմաթիվ մարդիկ կան, որոնք հարմար առիթներ փնտրում են խռովություններ առաջացնելու և տապալելու մի կառավարություն, որը երբեք կայուն հիմքերի վրա դրված չի եղել։ Այնուամենայնիվ և՛ այստեղ, և՛ այլ տեղեր ես նկատեցի մի ընդհանուր հետաքրքրություն դեպի նահանգական ընտրությունները, և այս լավ նշան է այս փոքրիկ երկրի բարգավաճման համար։ Բնակիչներն իրենց ներկայացուցիչներից մեծ կրթություն չեն պահանջում. ես լսեցի մի անգամ մի քանի մարդկանց խոսակցությունը, որը վերաբերում էր Կոլոնիայի մարդկանց արժանիքներին։ Մեկն ասում էր, որ «թեև նրանք գործարար մարդիկ չէին, բայց բոլորն էլ կարող էին ստորագրել իրենց անունները»։ Նրանց թվում էր, թե յուրաքանչյուր դատող մարդ դրանով էլ պետք է բավարարվի։
 
'''Նոյեմբերի 18.'''— Իմ հյուրընկալի հետ ես ուղևորվեցի նրա կալվածը, որը գտնվում էր Արսիո դե Սան Խուանում։ Երեկոյան ձիերով շրջագայեցինք կալվածի շուրջը. նա ուներ երկու և կես քառակուսի փարսախ տարածություն և գտնվում էր այնպիսի մի վայրում, որն այստեղ անվանում են ռինկոն։ Ռինկոնը մեկ կողմից պաշտպանված էր Պլատայով, իսկ մյուս երկու կողմերից հոսում էին անանցանելի առուներ։ Այնտեղ կար մի հրաշալի նավահանգիստ փոքր նավերի համար և բազմաթիվ ծառեր, որոնք չափազանց կարևոր են Բուենոս Այրեսին վառելանյnւթ մատակարարելու համար։ Ես հետաքրքրվում էի իմանալու այդպիսի լրիվ կալվածի արժեքը։ Այդ կալվածում կար 3000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, իսկ այդ տարածության վրա շատ հանգիստ կարելի էր պահել թվով երեք-չորս անգամ ավելի շատ անասուններ. բացի այդ, կար 800 ձի, որից 150-ը քաշող ձիեր էին, և 600 ոչխար։ Կար առատ քանակությամբ ջուր և կրաքար. մի կոշտ, բայց ամուր տուն, հիանալի կորալներ և դեղձի այգի։ Այդ բոլորի համար նրան առաջարկել էին 2000 ֆունտ ստերլինգ, իսկ ինքը պահան-
 
ջել էր 500 ավելի, հավանորեն նա դեռ ավելի էժան կծախեր։ Գլխավոր հոգսը կալվածում անասունները շաբաթական երկու անգամ մի որոշակի տեղ քշելն է. այդ արվում է նրանց ընտելացնելու և հաշվելու նպատակով։ Այս վերջին գործողությունը թվում է թե բավականին դժվար է, մանավանդ որ տեղում լինում են տասից տասնևհինգ հազար անասուններ։ Այդ բանը կատարվում է այն սկզբունքի հիման վրա, որ այդ անասուններն անփոփոխելիորեն բաժանվում են փոքր նախիրների՝ քառասունից մինչև հարյուր կենդանիներից կազմված։ Յուրաքանչյուր նախիր ճանաչվում է իր մի քանի նշանավոր կենդանիներից, և այդպիսով իմացվում է նրանց թիվը, այնպես որ եթե տասը հազարից մի քանիսը կորչեն, նրանց բացակայությունն անմիջապես կնկատվի այդ նշանավոր կենդանիներից մեկն ու մեկի կորստից։ Փոթորկալից գիշերներին այս անասունները կատարյալ կերպով խառնվում են իրար, բայց հաջորդ առավոտը խմբերի ղեկավարները կենդանիները բաժանում և հավաքում են իրենց խմբի կենդանիներին, այնպես որ տասնյակ հագարների մեջ այս կենդանիները պետք է ճանաչեն իրար։
 
Երկու անգամ ես այդ գավառում հանդիպեցի շատ տարօրինակ ցեղի եզների, որոնց, անվանում էին նատա կամ նիատա։ Նրանք արտաքին տեսքով գրեթե այն հարաբերությունն ունեն մյուս եզների նկատմամբ, ինչ որ բուլդոգը կամ թավ շնիկն ունի այլ շների նկատմամբ։ Նրանց ճակատը շատ կարճ է և լայն, քթային վերջավորությունը՝ վեր դարձրած, իսկ վերին շրթունքը բավականին ետ քաշված. նրանց ներքևի ծնոտը վերինից ավելի առաջ է ցցված և համապատասխանաբար վերևում կորացած. այս պատճառով էլ նրանց ատամները միշտ բաց են։ Նրանց ռունգները գտնվում են բավականին վերև և չափազանց բաց են, աչքերը դուրս են ցցված։ Քայլելիս նրանք իրենց գլուխը ցած են պահում, ունեն կարճ վիզ և հետևի ոտներն առաջինների հետ համեմատած ավելի երկար են, քան սովորաբար այլ եզներինը։ Նրանց բաց ատամները, կարճ գլուխները, վեր շրջած ռունգները նրանց ավել էին ծիծաղելի ինքնավստահ և ծայր աստիճան ամբարտավան արտահայտություն։
 
Իմ վերադարձից հետո ինձ հաջողվեց իմ բարեկամ նավապետ Սելիվանի միջոցով ձեռք բերել այդ եզներից մեկի գանգը, որն այժմ գտնվում է Վիրահատների կոլեջում։<ref>Մր. Ուոթըրհաուզը պատրաստել է այս գլխի մանրամասն նկարագրությունը, որը հավանորեն կհթատարակվի մի թերթում։</ref> Լուքսանցի դոն Ֆ. Մունիցը բարեսրտաբար ինձ համար հավաքել է բոլոր հնարավոր տեղեկություններն այս ցեղի վերաբերյալ. համաձայն այդ տեղեկությունների՝ մոտ ութսուն կամ իննսուն տարի առաջ այդ կենդանիները շատ սակավ են եղել և պահվել են Բուենոս Այրեսում որպես հետաքրքրական կենդանիներ։ Բոլորն էլ ընդունում են, որ այս ցեղի բուծումն սկսվել է հնդիկների, մոտ, Պլատայից հարավ, և նրանց մոտ նա եղել է ամենատարածվածը։ Մինչև անգամ այժմ Պլատայի մոտերքը գտնվող շրջաններում բուծվող այս կենդանիներն արտահայտում են իրենց կիսավայրենի ծագումը. նրանք ավելի կատաղի են, քան մյուս խոշոր եղջերավոր անասունները, և նրանց կովը հեշտությամբ լքում է իր առաջին հորթը, եթե վերջինս հաճախ է նրա մոտ գալիս կամ նեղում։ Հետաքրքրականն այն է, որ նիատա ցեղի մի աննորմալ<ref>Գրեթե նման մի աննորմալ կառուցվածք, որի ժառանգական լինելը թեև ինձ հայտնի չէ, նկատվել է նաև ծածան ձկան մոտ, ինչպես նաև Գանգեսի կոկորդիլոսների մոտ. „Histoire des AnomaIIes” par M. Isid. Geoffroy St. Hilaire, tome I, p. 244.</ref> տեսակին գրեթե նման կառուցվածքով մի տեսակ հիշեցնում է (ինչպես ինձ դոկտոր Ֆալկոներն է ասում) Հնդկաստանի անհետացած մեծ որոճացող կենդանուն՝ սիվաթերիումին։ Նիատայի բուծումը շատ կայուն է. նիատա ցուլի և կովի սերունդը միշտ նիատա հորթ է լինում։ Նիատայի ցուլը հասարակ կովի հետ խաչաձևելիս, կամ հակառակն անելիս ծնված հորթերն ունենում են միջանկյալ հատկանիշներ, բայց նիատայի հատկանիշներն այնուամենայնիվ ավելի ուժեղ են հանդես գալիս։ Սենյոր Մունիսը, հակառակ գյուղատնտեսների ընդհանուր կարծիքի, ասում է, թե կան շատ պարզ ապացույցներ, որ երբ նիատա կովի և հասարակ ցուլի խաչաձևում է կատարվում, նիատայի հատկանիշները հորթին ավելի ուժեղ են փոխանցվում, քան այդ լինում է նիատա ցուլը հասարակ կովի հետ խաչաձևելիս։
 
Երբ արոտատեղում խոտը պետք եղածին չափ երկար է, նիատան այնպես հաջող է արածում լեզվով և քիմքով, ինչպես սովորական խոշոր եղջերավոր անասունները, բայց մեծ երաշտների ժամանակ, երբ ոչնչանում են մեծ թվով կենդանիներ, նիատան կանդնում է մեծ դժվարությունների առջև, և այդպիսի դեպքերում նա ամբողջովին կվերանար, եթե նրա մասին առանձին հոգ չտարվեր։ Ինչ վերաբերում է հասարակ խոշոր եղջերավոր անասուններին, նրանք ձիերի նման կարող են իրենց գոյությունը պահպանել շրթունքներով եղեգներից և ծառերի ճյուղերից հայթայթելով, այս բանը նիատաները նրանց չափ հաջող չեն կարող անել, որովհետև նրանց շրթունքները չեն միանում։ Այդ է պատճառը, որ նրանք ավելի շատ են ոչնչանում, քան սովորական խոշոր եղջերավորները։ Այս մի շատ լավ օրինակ է՝ պարզելու, թե որչափ մենք քիչ ենք ի վիճակի դատելու մի տեսակի սակավության կամ անհետացման պատճառները որոշելիս, երբ նկատի ենք ունենում կյանքի ընդհանուր սովորությունները և այն պարագաները, որոնք պատահում են երկար ընդմիջումներով միայն։
 
'''Նոյեմբերի 19.'''— Անցնելով Լաս Վակաս հովիտը՝ գիշերը քնեցինք մի հյուսիսային ամերիկացու տանը. այդ մարդը զբաղվում էր Արոիո դե Լաս Վիվորասում կիր պատրաստելով։ Առավոտյան այցելեցինք գետափին գտնվող մի երկարաձգված հրվանդան, որը կոչվում էր Պանտա Գորդա։ Ճանապարհին աշխատեցինք մի յագուար գտնել։ Սի քանի տեղ նկատեցինք թարմ հետքեր և գնացինք դեպի այն ծառերը, որոնց վրա, ըստ պատմածի, նրանք սրում են իրենց ճիրանները, բայց մեզ չհաջողվեց հանդիպել և ոչ մի յագուարի։ Այստեղից սկսած Ռիո Ուրուգվայը մեր առջև բացվում էր որպես մի հոյակապ գետ։ Իր վճիտ ու հստակ ջրով և հոսանքի արագությամբ նա անհամեմատ ավելի վեհ տպավորություն է թողնում, քան իր հարևան Պարանան։ Մյուս ափին այս վերջին գետից մի քանի վտակ մտնում են Ուրուգվայ գետը։ Արևի լույսի տակ հնարավոր էր պարզ կերպով տարբերել ջրի երկու գույները։
 
Երեկոյան շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Մերսեդես, որը գտնվում է Ռիո Նեգրոյի վրա։ Երեկոյան եկանք մի պատահական ֆերմա և գիշերելու մի տեղ խնդրեցինք։ Այդ մի վերին աստիճանի ընդարձակ կալվածք էր, որը կազմում էր մոտ տասը քառակուսի փարսախ տարածություն. նրա տերն այդ երկրի ամենամեծ կալվածատերերից մեկն է։ Կալվածը կառավարում էր նրա եղբորորդին, որի մոտ այդ ժամանակ գտնվում էր որպես հյուր բանակի կապիտաններից մեկը, որը մի քանի օր առաջ փախել էր Բուենոս Այրեսից։ Այս հանգամանքը դրույթն ավելի հետաքրքրական էր դարձնում։ Նրանք արտահայտում էին իրենց անսահման զարմանքը երկրագնդի կլորության մասին և հազիվ թե կարողանային հավատալ, որ եթե հնարավոր լիներ բավականին խորը փոս փորել, վերջիվերջո այդ փոսը դուրս կգար երկրի մյուս կողմը։ Նրանք լսել էին մի երկրի մասին, որտեղ վեց ամիս գիշեր է լինում, վեց ամիս ցերեկ, և որտեղ բնակիչները շատ բարձրահասակ են և բարակ։ Նրանք մեծ հետաքրքրությամբ հարցնում էին Անգլիայում ձիերի և խոշոր եղջերավոր անասունների գնի և վիճակի մասին։ Երբ իմացան, որ մենք մեր կենդանիներին լասոյով չենք բռնում, բացագանչեցին. «Ո՜, ուրեմն դուք բացի բոլայից ուրիշ ոչ մի բան չեք գործածում»։ Սահմանափակ երկրի գաղափարը բոլորովին նոր էր նրանց համար։ Վերջիվերջո կապիտանն ասաց, որ մի հարց ունի ինձ տալու, որի համար շուտ երախտապարտ կմնար, եթե ես պատասխանեի նրան ամբողջ ճշմարտությամբ։ Ես դողում էի մտածելով, թե ինչպիսի խորը գիտական հարց կարող է լինել այդ։ Այդ հարցը հետևյալն էր. «Արդյոք Բուենոս Այրեսի կանայք աշխարհում ամենագեղեցիկները չե՞ն»։ Ես խորամանկորեն պատասխանեցի, որ այդ միանգամայն այդպես է։ «Մի ուրիշ հարց էլ ունեմ»,— շարունակեց նա,— «աշխարհի որևէ այլ մասում կանայք կրո՞ւմ են նման մեծ սանրեր»։ Ես լուրջ կերպով վստահացրի նրան, որ ոչ մի տեղ այդպիսի սանրեր չեն կրում։ Այդ նրանց մեծ ուրախություն պատճառեց։ Ապա կապիտանը բացագանչեց, «Նայեցե՜ք, թե ինչ է ասում մի մարդ, որը տեսել է աշխարհի կեսը. մենք միշտ այդպես էինք մտածում, բայց այժմ այդ արդեն գիտենք»։ Իմ վսեմ դատողությունները գեղեցկության և սանրի մասին ինձ համար ապահովեցին մի վերին աստիճանի հյուրասեր ընդունելություն. կապիտանն ստիպեց ինձ քնել իր մահճում, իսկ ինքը պիտի քներ իր ռեկադոյի (պամպասներում գործածվող թամբ) վրա։
 
'''Նոյեմբերի 21.'''— Առավոտյան արևածագին ճանապարհ ընկանք և ամբողջ օրը ձիերով դանդաղորեն շարունակեցինք մեր ճանապարհը։ Գավառի այս մասի երկրաբանական բնույթը տարբերվում էր մյուս մասերից և չափազանց նման էր պամպասների երկրաբանությանը։ Հետևաբար ընդարձակ տարածություններ ծածկված էին ուղտափշով և կանգարով. կարելի է ամբողջ երկիրն անվանել այս բույսերի մի մեծ դաշտ։ Այդ երկու տեսակներն առանձին են աճում, յուրաքանչյուր բույս աճում է իր տեսակի բույսերի մեջ։ Կանգարն այնքան փարթամ է աճում, որ բարձրությունը հասնում է ձիու կռնակին, իսկ պամպասի ուղտափուշն ավելի բարձր է լինում, քան ձիավորի գլուխը։ Չպետք է մտածել, որ հնարավոր է ճանապարհից մի կանգունի չափ դուրս գալ, իսկ ճանապարհը տեղ-տեղ մասամբ ե որոշ տեղերում էլ ամբողջովին փակված է այս բույսով։ Իհարկե, այս արոտատեղ լինել բոլորովին չի կարող. եթե երբևէ մի կով կամ ձի մտնի սրանց մեջ, ամբողջովին կկորչի։ Դրա համար էլ տարվա այդ եղանակին չափազանց դժվար է և վտանգավոր այս տեղերով անասուններ քշելը, որովհետև երբ նրանց քշելով հոգնեցնում են, և երբ նրանք տեսնում են ուղտափշերին, վազում են սրանց մեջ և այլևս չեն երևում։ Այս շրջաններում շատ քիչ ֆերմաներ կան, և եղածներն էլ գտնվում են մոտակա խոնավ հովիտներում, որտեղ բարեբախտաբար այս խեղդող բույսերից ոչ մեկը չի կարող աճել։ Որովհետև արդեն մութն ընկել էր՝ նախքան մեր ճանապարհը կվերջանար, գիշերելու համար իջանք մի խղճուկ փոքրիկ տնակ, որտեղ ապրում էր մի վերին աստիճանի աղքատ ընտանիք։ Մեր հյուրընկալի և հյուրընկալուհու ծայրահեղ քաղաքավարությունը, որը մեծ մասամբ ձևական էր, չափազանց հաճելի էր, երբ նկատի էինք ունենում նրանց աղքատ վիճակը։
 
'''Նոյեմբերի 22.'''— Ժամանեցինք Բերկելոյում գտնվող մի ֆերմա, որը պատկանում էր մի հյուրասեր անգլիացու. իմ ընկեր՝ մր. Լըմբն ինձ մի հանձնարարական նամակ էր տվել նրան հանձնելու համար։ Այստեղ ես մնացի երեք օը։ Մի առավոտ հյուրընկալիս հետ ձիերով մեկնեցինք Սիերա դել Պեդրո Ֆլակո, որը գտնվում է Ռիո Նեգրոյից քսան մղոն վերև, գրեթե ամբողջ գետինը ծածկված էր փարթամ, բայց կոշտ բուսականությամբ. խոտի բարձրությունը հասնում էր մինչև ձիու փորը. չնայած դրան՝ քառակուսի փարսախներով տարածությունների վրա և ոչ մի արածող անասուն չէր երևում։ Բանդա Օրիենտալի գավառը լավ օգտագործելու դեպքում՝ այնտեղ կարելի է պահել չափազանց մեծ թվով կենդանիներ։ Ներկայումս Մոնտեվիդեոյից մորթու արտահանումը տարեկան հասնում է երեք հարյուր հազարի. տնային սպառումը և փչացումները նույնպես հասնում են զգալի չափերի։ Մի կալվածատեր ինձ պատմում էր, որ երբեմն ինքը հեռվում գտնվող աղ արդյունաբերող մի հիմնարկության է ուղարկում խոշոր եղջերավոր անասունների մեծ նախիրներ, և հաճախ այդ կենդանիները քշողներն ստիպված են լինում մորթել և մաշկել քայլելու անկարող հոգնած անասուններին, բայց գաուչոները երբեք չեն համաձայնում այդ ուժասպառ եղած անասունների միսն ուտելու, և յուրաքանչյուր երեկո նրանց ընթրիքի համար մորթում են թարմ կենդանի։ Այս գավառում իմ տեսած տեսարաններից ամենագեղեցիկը Սիերայից երևացող Ռիո Նեգրոն էր։ Այդ լայն, խոր և սրընթաց գետը պտույտ է տալիս մի ժայռոտ գահավեժ գահավանդի տակին, գետի ընթացքով տարածված են անտառների նեղ շերտեր, իսկ հորիզոնը վերջանում է հեռվում ալիքավոր կանաչ դաշտերի վրա։
 
Այդ տեղերում եղած ժամանակ ինձ մի քանի անգամ ասացին Սիերա դե Լաս Կուենտասի մասին, այդ մի բլուր է, որը գտնվում է մի քանի մղոն հյուսիս։ Այդ անունը նշանակում է հուլունքների բլուր։ Ինձ հավատացնում էին, որ այնտեղ կան մեծ քանակությամբ տարբեր գույնի փոքր կլոր քարեր, որոնցից յուրաքանչյուրի վրա կա մի փոքր գլանաձև անցք։ Առաջ հնդիկներն այդ քարերը հավաքել են մանյակներ և ապարանջաններ պատրաստելու համար — մի ճաշակ, որն ընդհանուր է և բոլոր վայրենի ազգերին, ինչպես և ամենակուլտուրական ժողովուրդներին։ Ես չգիտեի, թե ի՛նչ է նշանակում այդ պատմությունը, բայց երբ դրա մասին Բարեհուսո Հրվանդանում պատմեցի դոկտոր Անդրյու Սմիթին, նա ասաց, որ ինքը հիշում է հարավ-արևելյան Աֆրիկայի ափին Սեն Ջոն գետից հարյուր մղոն արևելք կվարցի բյուրեղներ՝ ծովեզրյա խճերի հետ խառն, որոնց եզրերը մաշված են եղել շփումից։ Յուրաքանչյուր բյուրեղ ունեցել է հինգ գծաչափ տրամագիծ և մեկից մինչև մեկ և կես մատնաչափ երկարություն։ Նրանցից շատերն ունեցել են նեղ անցքեր, որոնք անցել են մի ծայրից մյուսը. այդ անցքերը եղել են կատարյալ գլանաձև, և այնքան մեծ, որ հեշտությամբ հնարավոր լինի անցկացնել կոշտ թել կամ բարակ քար։ Նրանց գույնը եղել է կարմիր կամ կեղտոտ սպիտակ։ Տեղացինեըը ծանոթ են եղել բյուրեղների այս ստրուկտուրային։ Ես այս մանրամասնությունները հիշատակեցի այն նկատառումով, որ թեև ներկայումս հայտնի չէ չբյուրեղացող նյութի այս ձևն ստանալը, հետագա ճանապարհորդը հետազոտի նման քարերի իրական բնույթը։
 
Այս ֆերմայում գտնված ժամանակ ինձ շատ էին հետաքրքրում այդ շրջանի հովվական շների մասին իմ լսած պատմությունները և անձամբ տեսածներս։<ref>Նման տեղեկություններ այս շների մասին տալիս է նաև Մ. Ա. դ’Օրբինին, tome I, p. 175։</ref> Այդ վայրից ձիով անցնելիս շատ սովորական է ոչխարների մեծ հոտերի հանդիպելը, որոնց հսկում են մեկ կամ երկու շուն՝ բնակարաններից կամ մարդկանցից մի քանի մղոն հեռու։ Հաճախ ես զարմանում էի, թե ինչպես էր հաստատվել այդ բարեկամական ամուր կապը շների և ոչխարների միջև։ Այդ շների վարժեցումը տարվում է հետևյալ եղանակով. երբ շունը ձագեր է բերում, նրա լակոտները շատ վաղ բաժանում են մորից և վարժեցնում նրան իր ապագա ընկերակիցների հետ։ Շնիկն օրական երեքից չորս անգամ ծծում է մայր ոչխարից, և բացի դրանից փարախում պատրաստում են նրա համար ոչխարի բրդից մի բուն, երբեք չեն թույլ տալիս նրան խաղալու այլ շների կամ տիրոջ երեխաների հետ։ Բացի այդ, ընդհանրապես վարժեցվող շնիկին ամորձատում են, որպեսզի մեծանալիս իր տեսակի հետ ոչ մի ընդհանուր զգացում չունենա։ Այս կրթությունից հետո նա այլևս ցանկություն չի ունենա ոչխարի հոտը թողնելու, և ինչպես որ մի այլ շուն պաշտպանում է իր տիրոջը՝ մարդուն, այնպես էլ սրանք պաշտպանում են ոչխարներին։ Հոտին մոտենալիս հետաքրքրական է տեսնել, թե ի՛նչպես շունն անմիջապես առաջ է գալիս հաջելով, իսկ ոչխարները բոլորը հավաքվում են նրա հետևը. կարծեք թե ամենածեր խոյի չորս կողմն են հավաքվել։ Այս շներին հեշտությամբ սովորեցնում են նաև հոտը տուն բերել, այն էլ երեկոյան որոշ ժամերին։ Նրանց ամենաձանձրացուցիչ պակասությունն իրենց փոքր ժամանակ ոչխարների հետ խաղալու ցանկությունն է. խաղի ժամանակ նրանք երբեմն ամենաանգութ կերպով հալածում են իրենց խեղճ հպատակներին։
 
Ամեն օր հովիվ շունը գալիս է տուն միս ստանալու համար, և հենց որ նրան տալիս են իր պահանջածը, նա հեռանում կորչում է, կարծեք թե ինքն իրենից ամաչում է։ Այս դեպքերում տնային շները վերին աստիճանի բռնակալ վերաբերմունք են ցույց տալիս նրան, և նրանցից ամեփափոքրերը հարձակվում են այդ օտարականի վրա և հալածում նրան։ Սակայն հենց որ վերջինս հասնում է հոտին, շուռ է գալիս և սկսում հաջել, որից հետո բոլոր տնային շները փախչում են դեպի տուն։ Միևնույն ձևով հազիվ թև վայրի շների սոված ոհմակները համարձակվեն (ինձ ասում էին, որ երբեք չեն համարձակվի) հարձակվել մի հոտի վրա, որի պահապանն այսպիսի մի «հավատարիմ հովիվ» է։ Այս բոլորն ինձ համար շատ հետաքրքրական օրինակներ էին շան նվիրվածության և հավատարմության վերաբերյալ. միևնույն ժամանակ այդ կենդանին, վայրի կամ լավ վարժեցրած, հարգանք կամ ահ է զգում դեպի այն կենդանիները, որոնք նրա մեջ առաջացնում են ընկերակցության բնազդը։ Ոչ մի կերպ չի կարելի բացատրել, թե ինչն է պատճառը, որ վայրի շները հալածվում են հոտի հետ եղող մի շան կողմից, հավանորեն երբ նրանք տեսնում են մի շան ընկերակցած ոչխարների հետ, շփոթվելով կարծում են, որ նա այս միացումից ուժ է ստանում, որպես թե իր նմանների հետ եղած լինի։
 
Ֆ. Կյուվյեն նկատել է, որ բոլոր այն կենդանիները, որոնք հեշտությամբ են ընտելացվում, մարդուն նկատում են որպես իրենց ընկերության անդամ և այսպիսով բավարարում են իրենց ընկերակցության բնազդը։ Վերոհիշյալ դեպքում հովիվ շունը ոչխարներին համարում է իր եղբայրակիցները և այսպիսով ձեռք է բերում ինքնավստահություն և համարձակություն, իսկ վայրի շները, թեև լավ գիտեն, որ ոչխարներն առանձին վերցրած շներ չեն և ուտելու համար էլ լավ են, երբ տեսնում են նրանց հոտով, որոնց ղեկավարում է մի հովիվ շուն, մասամբ ընդունում են այդ։
 
Մի երեկո մի «դոմիդոր» (անզուսպ ձիեր զսպող) եկավ մի քանի քուռակ վարժեցներու համար։ Ես նկարագրելու եմ այդ գործողության նախապատրաստական քայլերը, որովհետև ես կարծում եմ, որ ոչ մի այլ ճանապարհորդ չի հիշատակել այդ մանրամասնությունները։ Մի խումբ վայրի երիտասարդ ձիեր քչում են կորալի կամ մեծ ցցերից կազմված ցանկապատի մեջ և փակում դուռը։ Ենթադրենք, որ կորալում միայն մի մարդ կա, որը բռնելու և հեծնելու է մի ձի, որ մինչ այդ երբեք սանձ կամ թամբ չի կրել։ Ես կարծում եմ, որ բացի գաուչոյից ոչ ոք չի կարող գործադրել նման ճարպիկ ձևեր։ Գաուչոն ընտրում է մեծացած մի լավ քուռակ. և երբ կենդանին վազվզում է ձիարձակարանում, նա այնպես է ձգում իր լասոն, որ առջևի երկու ոտներն էլ բռնվում են։ Վայրկենապես ձին ուժեղ կերպով գետին է գլորվում և մինչ մաքառում է գետնի վրա, գաուչոն ամուր բռնելով լասոն՝ մի օղակ է պատրաստում, որպեսզի բռնի հետևի ոտքերից մեկը, կոճիկից ներքև, որը բերում մոտեցնում է առջևի ոտքերին. այնուհետև նա ձգում է լասոն և երեք ոտները կապում իրար։ Ապա նստելով ձիու վզին՝ նա նրա ստորին ծնոտին առանց լկամի մի լավ. սանձ է դնում, այս նա անում է սանձերի ծայրի լամբակներից մի նեղ փոկ անցկացնելով և մի քանի անգամ ծնոտով և լեզվի վրայով տանելով։ Առջևի երկու ոտքերը մի ուժեղ կաշվի փոկով կապում է իրար և ամրացնում սահակապով։ Այնուհետև արձակում է երեք ոտքերն իրար կապող լասոն, ձին դժվարությամբ է ոտքի կանգնում։ Գաուչոն ամուր բռնելով ստորին ծնոտին ամրացրած սանձը՝ ձին դուրս է տանում կորալից։ Եթե մի երկրորդ մարդ էլ կա այնտեղ (առանց որի այդ գործողությունը շատ ավելի դժվար է), նա բռնում է անասունի գլուխը, իսկ մյուսը դնում է նրա կռնակին, նրա թամբաշորն ու թամբը և բոլորը կապում իրար։ Այս գործողության ժամանակ ձին, տեսնելով իրեն կապած ու թամբած, վախից ու զարմանքից մի քանի անգամ. իրեն խփում է գետնին և չի վեր կենում՝ մինչև չծեծեն։ Վերջապես թամբելը վերջացնելուց հետո խեղճ կենդանին ահից հազիվ է կարողանում շնչել և կատարելապես սպիտակում է քրտինքից ու փրփուրից։ Այնուհետև մարդը պատրաստվում է հեծնելու. որպեսզի ձին հավասարակշռությունը չկորցնի, նա ոտներն ամուր սեղմում է ասպանդակի վրա։ Այն մոմենտին, երբ նա ոտքը ձգում է անասունի կռնակի վրա, քանդում է առջևի ոտներն իրար կապող փոկը, և ձին բոլորովին ազատ է լինում։ Մի քանի «դոմիդորներ» ոտներն արձակում են՝ անասունը գետնին պառկած ժամանակ, և կանգնելով թամբի վրա՝ սպասում են, որ ձին վեր կենա իրենց տակից։ Ձին վախից մոլորված՝ կատարում է մի քանի վայրագ ցատկումներ և ապա լրիվ քառատրոփով վազում է առաջ։ Երբ կատարյալ ուժասպառ է լինում, մարդը համբերությամբ նրան ետ է բերում դեպի կորալը, որտեղ խեղճ կենդանուն կիսակենդան և գոլորշիով պատած բաց են թողնում։ Այն ձիերը, որոնք դուրս չեն վազում և համառորեն գցում են իրենց գետին, անհամեմատ ավելի մեծ նեղություն են տալիս։ Այս պրոցեսը շատ խիստ է կատարվում, բայց երկու երեք փորձից հետո ձին կատարելապես ընտելանում է։ Մի քանի շաբաթ կարելի է հեծնել նրան երկաթե կտորներից և ամուր օղակից կազմված սանձով, որովհետև նախքան ամենաուժեղ սանձեր գործածելը՝ նա պետք է սովորի ընտելանալ իր հեծյալի կամքին՝ սանձի զգացողությամբ։
 
Այս երկրներում կենդանիներն այնքան առատ են, որ անձնական օգուտը և գութը հեռու են իրարից, և, կարծում եմ, այդ է պատճառը, որ վերջինս գրեթե անհայտ է այս մարդկանց մոտ։ Մի օր մի շատ հարգելի ֆերմերի հետ ձիով պամպասներով անցնելիս, իմ ձին հոգնած լինելով՝ ետ էր մնում։ Մարդը հաճախ գոռում էր դեպի ինձ, թե պետք է խթանել։ Երբ ես նրան ընդդիմացա, թե պետք է գթալ կատարյալ ուժասպառ եղած ձիուն, նա պատասխանեց բարձրաձայն. «Ինչո՞ւ ոչ — հոգ մի՛ անի, իմ ձին է, խթանի՛ր» Ինձ համար այնքան֊ էլ հեշտ չէր նրան համոզել, որ ես ոչ թե նրա սեփականություն էի ափսոսում, որ չէի գործածում իմ խթանը, այլ ձիուն։ Նա զարմացական հայացքով բացագանչեց. „Ah, Don Carlos, que cosa!” («Ո՜հ, դոն Կառլոս, ինչ դատարկ բան է»)։ Պարզ էր, որ այդպիսի միտք երբեք նրա գլուխը չէր մտել։
 
Գաուչոները հայտնի են որպես լավ ձի հեծնողներ։ Երբեք գաուչոն չի կարող մտածել, որ երբևիցե ինքը կարող է ձիուց վայր ընկնել, ինչպիսի ձի էլ նա հեծած լինի կամ ինչ էլ որ ձին անի, նրա համար նշանակություն չունի։ Նրանց մտքում լավ ձի հեծնողի չափանիշն այն մարդն է, որը կարող է ղեկավարել չվարժեցրած քուռակ, կամ որը, երբ ձին իրեն գետին է գցում, կանգնում է իր ոտքերի վրա և կարող է կատարել նման այլ քաջագործություններ։ Ինձ պատմում էին, որ մի մարդ գրազ է եկել, որ ինքը կարող է քսան անգամ իր ձին գետին գլորել և տասնինն անգամին ինքը չընկնել։ Ես հիշում եմ՝ մի անգամ ես ականատես եղա մի գաուչոյի մի վերին աստիճանի ըմբոստ ձի հեծնելիս. ձին երեք անգամ հաջորդաբար բարձր կանգնեց հետևի ոտքերի վրա, որպեսզի ուժեղ կերպով ընկնի կռնակին։ Իսկ հեծնողն անսովոր սառնությամբ սպասում էր հարմար և ճիշտ մոմենտի, որպեսզի սահի ներքև, և նա ոչ մի վայրկյան իսկական ժամանակից շուտ կամ ուշ չէր անում այդ. հենց որ ձին վեր էր կենում, մարդը թռչում էր նրա կռնակին, և վերջիվերջո ձին ճարահատյալ սկսեց քառատրոփ վազել։ Գաուչոն երբեք մկանային ուժ չի գործադրում։ Մի անգամ ես դիտում էի մի լավ ձիավորի, երբ մենք արագ քշելով մեր ձիերն՝ անցնում էինք նրա մոտով, և ես մտքումս ասում էի. «Եթե ձին շարժվի, դու կընկնես, շատ անհոգ ես նստել թամբի վրա»։ Այդ պահին մի արու ջայլամ դուրս թռավ իր բնից, որը գտնվում էր ձիու հենց քթի տակ, ջահել քուռակը եղջերուի նման կողքի ցատկեց, իսկ ինչ վերաբերում է մարդուն, այսքանը կարելի էր ասել, որ նա հանկարծակիի եկավ և վախեցավ իր ձիու հետ։
 
Չիլիում և Պերուում շատ ավելի դժվար է ձիուն լկամի վարժեցնելր, քան Լա Պլատայում, և այս, ըստ երևույթին, հետևանք է այդ երկրի համեմատաբար բարդ բնույթի։ Չիլիում չի կարելի ձին համարել կատարյալ վարժեցրած՝ մինչև հնարավոր չլինի նրան կանգնեցնել իր ամենաարագ վազքի ժամանակ, այն էլ որոշված մի կետում, օրինակի գետնին փռած կրկնոցի վրա, կամ թե նա կարշավի դեպի պատը և ծառս լինելով կսկսի սմբակներով փորել։ Ես տեսել եմ մի աշխուժ ձի, որին սանձել էին սոսկ ցուցամատով և բութով. բակով քառասմբակ վազեցնելուց հետո նրան շուռ տվին և սկսեցին մեծ արագությամբ վազեցնել վերանդայի սյան բոլորտիքով. այդ շրջանները նա կատարում էր այնպես հավասար հեռավորությամբ, որ նրա վրա հեծցնողի դուրս պարզած ձեռքի մատն ամբողջ ժամանակ գտնվում էր սյան վրա։
 
Այնուհետև օդում կիսաշրջան թռիչք կատարելով, միևնույն եղանակով պարզելով մյուս ձեռքը, զարմանալի արագությամբ շարունակեց հակառակ ուղղությամբ շրջաններ կատարել։
 
Այսպիսի ձին համարվում է լավ վարժեցրած, և թեև սկզբում այդ անօգուտ բան է թվում, բայց իսկապես չափազանց անհրաժեշտ է այդ վայրի համար։ Այդ բոլոր վարժությունները պետք է կիրառել ամեն օր, կենդանին կատարելության հասցնելու համար։ Երբ լասոյով բռնում են մի եզ, սա երբեմն սկսում է կլոր պտույտներ անել, և եթե ձին լավ վարժեցրած չէ, այդ պտույտից առաջացած քաշքշումից խրտնելով՝ չի կարողանա անվի սռնակի նման հեշտ դառնալ. այսպես սպանվել են շատ մարդիկ, որովհետև եթե լասոն մի անգամ փաթաթվի մեկի մարմնին, երկու կենդանիների հակառակ ուղղություններով ձգվող ուժից մարդը գրեթե երկու կես կլինի։ Միևնույն սկզբունքով են ղեկավարվում և ձիարշավները, վազքի ճանապարհը երկու կամ երեք հարյուր կանգունից չի անցնում. սրա նպատակն է ունենալ այնպիսի ձիեր, որոնք կարողանան վազել խիստ արագ։ Վազքի ձիերին վարժեցնում են ոչ միայն կանգնել այնպես, որ նրանց սմբակները լինեն միևնույն գծի վրա, այլ և ամբողջ չորս ոտներն էլ շարժվեն միասին, այնպես որ առաջին ցատկումից հետևի ոտքերն ամբողջությամբ գործողության մեջ լինեն։ Չիլիում ինձ մի անեկդոտ էին պատմում, որը, կարծում եմ, ճիշտ կլինի։ Այդ պատմությունը շատ գեղեցիկ նկարագրում է լավ վարժեցրած ձիու գործածությունը։ Մի հարգելի մարդ մի օր ձիով անցնելիս հանդիպում է երկու այլ մարդկանց, նրանցից մեկը հեծած է լինում մի ձի, որը գողացած են լինում իրենից։ Նա, ճանաչելով իր ձին, ետ է պահանջում, իսկ վերջիններս ի պատասխան նրա պահանջի՝ քաշում են իրենց տապարները և հալածում նրան։ Նա իր լավ և արագավազ ձին հեծած՝ փախչում է նրանց առջևից, և անցնելով մի խիտ մացառուտ՝ շուռ է գալիս և հանկարծ կանգ է առնում քար կտրած։ Հետապնդողներն ստիպված սրընթաց անցնում են նրա մոտով և ընկնում նրա առաջը։ Այնուհետև նա վայրկենապես հետևից նետվելով նրանց վրա՝ իր դանակը խրում է նրանցից մեկի կռնակը ու վիրավորում մյուսին և խլելով իր ձին մեռնող ավազակի ձեռքից՝ քշում է դեպի տուն։ Այս ճարպիկ ձիավարժության համար անհրաժեշտ է երկու բան. առաջինը ուժեղ լկամն է, ինչպիսին օգտագործում են մամելուկները, որի ուժը ձին շատ լավ է հասկանում, թեև այդ լկամը շատ քիչ է գործածվում. երկրորդը մեծ և կոշտ խթաններն են, որոնք գործածվում են սոսկ թեթև հպումներ տալու համար, միաժամանակ դրանք վերին աստիճանի ուժեղ ցավ պատճառելու գործիքներ են։ Ես կարծում եմ, որ անգլիական խթաններով, որոնցով ամենաթույլ հպումից անգամ մորթը պատառոտվում է, հնարավոր չէր լինի հարավ-ամերիկյան ձևով վարժեցնել ձիերին։
 
Լաս Վակասի մոտ մի ֆերմայում յուրաքանչյուր շաբաթ մորթում են մեծ թվով մատակ ձիեր՝ նրանց մորթու համար, թեև յուրաքանչյուր մորթ հինգ թղթե դոլարից կամ կես կրոնից<ref>Մեկ կրոնը հավասար է հինգ շիլինգի, կամ մոտավորապես երկու ռուբլի քառասուն կոպեկի։ ''Ծ. Թ.''</ref> ավելի չի արժենում։ Սկզբից տարօրինակ է թվում, որ այդպիսի չնչին գումարի համար սպանում են մատակ ձիերին, բայց պետք է ասել, որ նրանք բացի ծնելուց ոչ մի նպատակի չեն ծառայում. այդ երկրում չափազանց ծիծաղելի է մարդկանց տեսնել մատակ ձի հեծած. նույնչափ ծիծաղելի է և նրանց վարժեցնելու փորձեր անելը։
 
Ես միայն տեսել եմ նրանց ցորենը կալսելու աշխատանքներ կատարելիս. այդ կատարվում էր մի փակ կլոր շրջանում փռված հասկերի վրայով նրանց անընդհատ քշելով։ Այն մարդը, որի պարտականությունը մատակ ձի մորթելն էր, ուներ հմուտ լասո գործածողի մեծ համբավ։ Կորալի բերանից տասներկու կանգուն հեռու կանգնելով նա գրազ էր եկել, որ ինքը կարող է բռնել բոլոր կենդանիներին ոտքերից, երբ նրանք հերթով վազելով անցնեն իր մոտով, բաց չթողնելով և ոչ մի կենդանու։ Կար և մի ուրիշը, որն ասում էր, թե ինքը կարող է ոտքով կորալ մտնել, բռնել մատակ ձին, առջևի ոտներն իրար կապել, նրան դուրս քշել, գլորել գետին, մորթել, մաշկել և մաշկը փռել ցցերի վրա չորանալու (վերքին աշխատանքը բավականին հոգնեցուցիչ է) և որ ինքը կարող է այս ամբողջ գործողությունը մեկ օրում կրկնել քսաներկու անգամ։ Իսկ եթե միայն. մորթելն ու մաշկելը լիներ, առանց մորթը ցցերի վրա փռելու աշխատանքի, նա մի օրում կարող էր, ինչպես ինքն էր ասում, հիսուն օպերացիա կատարել։ Այս չափազանց մեծ աշխատանք է, որովհետև տասնևհինգ կամ տասնուվեց ձի մաշկելը և մորթը փռելը համարվում է մի լրիվ օրվա աշխատանք։
 
'''Նոյեմբերի 26.'''— Վերադարձիս ուղիղ գծով ուղևորվեցի դեպի Մոնտեվիդեո։ Լսելով մի հսկա կենդանու ոսկրների մասին, որը գտնվում էր մոտակա մի ֆերմայում, Ռիո Նեգրո գետը մտնող Սարանդիս գետակի վրա, իմ հյուրընկալի հետ այցելեցի այնտեղ և տասնութ պենսի արժողությամբ գնեցի տոքսոդոնի գլուխը։<ref>Ես պետք է արտահայտեմ իմ երախտապարտությունը մր. Կինին, որի տանն էի մնում Բերկելոյում գտնված ժամանակս, և Բուենոս Այրեսում ապրող մր. Լըմբին, որովհետև առանց նրանց օգնության այս արժեքավոր մնացորդները երբեք Անգլիա չէին հասնի։</ref> Այդ գլուխը գտնվելիս բոլորովին լրիվ է եղել, բայց տղաները քարերով հանել էին նրա ատամներից մի քանիսը և հետո էլ դնելով որոշ հեռավորության վրա որպես նշանակետ՝ քարով խփել էին։ Բարեբախտաբար պատահմամբ ես գտա մի ամբողջական ատամ, որը ճիշտ և ճիշտ հարմարվում էր այս գանգի ատամի խոռոչներից մեկին. այդ ատամը գտնված էր Ռիո Տերցերո գետի ափերին, վերոհիշյալ ֆերմայից հարյուր ութսուն մղոն հեռու։ Ես այս արտաքո կարգի կենդանու, մնացորդները գտա երկու այլ տեղերում ևս, այնպես որ պետք է ենթադրել, թե նա շատ է տարածված եղել։ Նույն տեղում գտնվեցին նաև մի վիթխարի զրահակիրանման կենդանու զրահի մի քանի խոշոր մասեր, ինչպես և միլոդոնի հսկա գլխի մի մասը։ Այս գլխի ոսկրներն այնքան թարմ են, որ համաձայն մր. Տ. Ռիքսի անալիզի՝ նրանք պարունակում են յոթը տոկոս կենդանական նյութ և սպիրտի լամպի վրա բռնելիս վառվում են թույլ բոցով։ Պամպասները կազմող և Բանդա Օրիենտալի գրանիտային ապառները ղածկող էստուարային (գետաբերանային) մեծ նստվածքում թաղված մնացորդների թիվը պետք է որ չափազանց մեծ լինի։ Ես հավատացած եմ, որ պամպասներով որևէ ուղղությամբ տարված ուղիղ գիծը կկտրի կանցնի ոսկրների և կմախքների միջից։ Բացի իմ կարճատև ճանապարհորդության ժամանակ գտած ոսկրներից, ես լսել եմ նաև բազմաթիվ այլ մնացորդների մասին. բացի այդ, այստեղ շատ հաճախ լսում ենք այնպիսի տեղերի անուններ, ինչպես, օրինակ, «Կենդանու գետակը», «Հսկայի բլուրը», որոնց ծագումն ակներև է։ Ուրիշ անգամներ ես լսեմ եմ մի շարք գետերի զարմանալի հատկությունների մասին, որոնք կարող են փոքրիկ ոսկրները մեծերի փախել, կամ, ինչպես մի քանիսը պնդում էին, ոսկրներն իրենք իրենց աճում են։
 
Որքան ինձ հայտնի է՝ այս կենդանիներից ոչ մեկը չի ոչնչացել այժմվա ցամաքի ճահիճներում կամ տղմոտ գետերի հուներում, ինչպես ենթադրում էին մի ժամանակ, այլ նրանց ոսկրները երևան են եկել այն գետերի միջոցով, որոնք հատում են ենթաջրային նստվածքները, որոնց մեջ նրանք՝ թաղված են եղել շատ առաջ։ Այսպիսով, մենք կարող ենք եզրակացնեի որ ամբողջ պամպասների տարածությունը ներկայացնում է այս անհետացած հսկա չորքոտանիների համար մի ընդարձակ գերեզման։
 
Նոյեմբերի 28-ի կեսօրին հասանք Մոնտեվիդեո՝ երկու և կես օր ճանապարհին լինելով։ Ամբողջ ճանապարհի վրա ընկած դաշտերը միօրինակ տեսք ունեին՝ որոշ մասերում լինելով քիչ ավելի ժայռոտ կամ բլրոտ, քան Պլատայի շրջապատը։ Մոնտեվիդեոյից ոչ հեռու մենք անցանք Լաս Պիետրաս գյուղի միջով. այդ գյուղն իր անունն ստացել է սիենիտի մի քանի մեծ, կլոր զանգվածներից։ Նա բավականին գեղեցիկ տեսք ուներ։ Այս երկրում թզի ծառերով շրջապատված մի խումբ տներ և ընդհանուր մակերևույթից հարյուր ոտնաչափ բարձր տեղերը կարելի էր միշտ գեղանկար համարել։
 
Վերջին վեց ամսում ես առիթ ունեցա դիտելու այս գավառների բնակիչների նկարագիրը։ Գաուչոները, կամ գյուղի բնակիչները շատ ավելի բարձր են իրենց նկարագրով, քան քաղաքում ապրողները։ Գաուչոն միշտ վերին աստիճանի պարտավորիչ, քաղաքավարի և հյուրասեր է, ես երբեք չպատահեցի և ոչ մի դեպքի, որտեղ գաուչոն կոպիտ կամ անհյուրընկալ լիներ։ Նա շատ համեստ է և՛ իր անձնավորության, և՛ երկրի նկատմամբ, բայց միաժամանակ պետք է հիշել, որ նա աշխույժ և համարձակ մարդ է։ Մյուս կողմից, տեղի են ունենում բազմաթիվ կողոպուտներ և արյունհեղություններ. վերջին չարիքի գլխավոր պատճառը մշտական դանակ կրելու սովորությունն է։ Ողբալի է լսել, թե քանի՜-քանի կյանքեր են կորել չնչին կռիվներից։ Կռվելիս յուրաքանչյուր կողմ աշխատում է իր հակառակորդի դեմքն այլանդակել՝ քիթը կամ աչքը կտրատելով, որոնց հետևանքը լինում են հաճախակի երևացող խորը և ահռելի սպիները։ Կողոպուտները համատարած բախտախաղերի, չափազանց շատ հարբեցողության և ծայրահեղ անհոգության հետևանքն են։ Մերսեդեսում ես հարցրի երկու մարդու, թե ինչու չեն աշխատում։ Մեկը լրջորեն ասաց, որ օրերը շատ երկար են, իսկ մյուսը՝ թե ինքը շատ աղքատ է։ Ձիերի թիվը և սննդի առատությունն այնտեղ կործանում են բոլոր տեսակի արդյունաբերությունը։ Բացի այդ, տոն օրերը չափազանց շատ են, և նրանց սովորության համաձայն ոչ մի աշխատանք կամ ձեռնարկություն հաջողություն չի ունենա, եթե նա չսկսվի լուսնի նորելու հետ, այնպես որ ամսվա կեսն այս երկու պատճառներից կորչում է։
 
Ոստիկանությունը և դատարանը ազդեցությունից բոլորովին զուրկ են։ Եթե մի աղքատ մարդ ոճիր է գործում, նրան բանտարկում են, գուցե և մինչև անգամ գնդակահարում. իսկ եթե նա հարուստ է և ունի բարեկամներ, կարող է վստահ լինել, որ իր կատարած ոճրագործությունը շատ խիստ հետևանքներ չի ունենա։ Հետաքրքրականն այն է, որ այդ շրջանների ամենամեծարելի բնակիչները միշտ օգնում են մարդասպանին ոստիկանությունից խույս տալու ժամանակ. կարծեք թե նրանք մտածում են, որ անհատ քաղաքացին հանցանք է գործում պետության դեմ և ո՛չ բնակչության։ Ճանապարհորդը բացի հրազենից, պաշտպանության ոչ մի այլ միջոց չունի. և զենք կրելու մշտական սովորությունը հաճախակի կողոպուտները կանխող գլխավոր միջոցն է։
 
Համեմատաբար բարձր և կրթված դասերի նկարագրի մեջ, որոնք ապրում են քաղաքներում, նույնպես կան գաուչոյի լավ հատկություններից շատ բաներ, թեև այդ արտահայտվում է ավելի թույլ չափով, բայց, ինչպես ինձ թվում է, նրանց նկարագիրն արատավորված է բազմաթիվ թերություններով, որոնցից ազատ է գաուչոն։ Անառակությունը, սրբապղծությունը և բարքերի ամենամեծ ապականությունները հաճախակի երևույթներ են։ Գրեթե կարելի է կաշառել պետության բոլոր պաշտոնյաներին։ Պոստի գրասենյակի ընդհանուր վարիչը կեղծ փողեր էր ծախում։ Նահանգապետը և առաջին մինիստրը միացած՝ բացեիբաց կողոպտում էին պետությանը։ Հազիվ թե ոբևէ մեկից կարելի լիներ արդարություն սպասել, երբ մեջտեղ էր գալիս ոսկին։ Ես ճանաչում էի մի անգլիացու, որը մի անգամ գնում է գլխավոր դատավորի մոտ (նա պատմում էր ինձ, որ այն ժամանակ չիմանալով տեղի սովորությունները՝ սենյակը մտնելով դողում էր) և ասում է. «Պարոն, ես եկել եմ առաջարկելու ձեզ երկու հարյուր թուղթ դոլլար (մոտ հինգ ֆունտ ստերլինգ), եթե դուք մինչև այս-ինչ ժամկետը ձերբակալեք մի մարդու, որը խաբել է ինձ։ Ես գիտեմ, որ այս օրենքին դեմ է, բայց իմ փաստաբանը (տալիս է նրա անունը) հանձնարարել ինձ դիմել այս քայլին է։ Գլխավոր դատավորը ժպտում է՝ տեղի տալով, շնորհակալություն հայտնում նրան, և գիշերը մարդն ապահով դրվում է բանտ։ Այսպես, առաջավոր մարդկանց սկզբունքի կատարյալ բացակայությամբ և փոքր ռոճիկով խռովարար սպաներով լցված մի երկրի ժողովուրդ դեռ հույս անի, որ կարող է հաջողել դեմոկրատական կառավարություն կազմելու։
 
Այս երկրներում առաջին անգամ հասարակության մեջ մտնելիս մարդու ուշադրությունը ամենից ուժեղ գրավում է երեք հանգամանք, որոնք առանձնապես նշանակալի են — քաղաքավարի և ծանրաբարո վերաբերմունքը, որը թափանցել է կյանքի բոլոր խավերը, կանանց սքանչելի ճաշակը հագուստների գործածության խնդբում, և հավասարությունը բոլոր դասերի և կարգերի մեջ։ Ռիո Կոլորադոյում մի քանի շատ հասարակ խանութպաններ ճաշում էին գեներալ Ռոսադի հետ։ Բահիա Բլանկայում մի մայորի որդի իր ապրուստը ձեռք էր բերում թղթի գլանակներ պատրաստելով և նա ցանկություն հայտնեց ուղևորվելու ինձ հետ որպես ուղեկցող կամ ծառա, մինչև Բուենոս Այրես, բայց իր հայրն առարկեց նրան սոսկ վտանգավորության պատճառով։ Բանակի սպաներից շատերը ոչ կարդալ գիտեն և ոչ էլ գրել, բայց բոլորն էլ հասարակության մեջ են մտնում որպես հավասար մարդիկ։ Էնտր Ռիոսում սալան<ref>Սալա սպաներեն նշանակում. է մեծ սենյակ, ընդունարան, պալատ։ ''Ծ. Թ.''</ref> կազմված էր միայն վեց ներկայացուցիչներից։ Նրանցից մեկը մի հասարակ խանութպան էր, և նա ակներևաբար չէր թերագնահատվում և ոչ մեկի կողմից։ Այս բոլոր սովորությունները և բարքերը հատուկ են յուրաքանչյուր նոր երկրի. այնուամենայնիվ պրոֆեսիոնալ ջենտլմենների բացակայությունն անգլիացի ճանապարհորդին որոշ չափով կարող է տարօրինակ թվալ։
 
Այս երկրների մասին խոսելիս պետք է միշտ աչքի առաջ ունենալ նրանց դաժան ծնողի՝ Սպանիայի սովորություններն ու բարքերը, որոնց միջից նրանք դուրս են եկել։ Ընդհանուր առմամբ գուցե ավելի շատ պետք է դրվատել սպանացիներին կատարվածի համար, քան պարսավել թերությունների համար։ Կասկածից դուրս է, որ այս երկրների ծայր աստիճան լիբերալիզմը վերջիվերջո նրանց կտանի դեպի լավ վերջավորություններ։ Սպանական Հարավային Ամերիկա այցելողները պետք է որ երախտապարտությամբ հիշեն այդ երկրներում գոյություն ունեցող ընդհանուր հարգանքը դեպի օտար կրոնները, կրթական նպատակների համար նրանց տածած առանձին ուշադրությունը, մամուլի ազատությունը, այն դյուրությունները, որ ցուցաբերում են դեպի բոլոր օտարականները և մասնավորապես դեպի այն անհատները, որոնք ամենափոքր հավակնություն են երևան բերում գիտության նկատմամբ. այս վերջինն առանձնապես պարտավոր էի հիշատակել։
 
'''Դեկտեմբերի 6.'''— «Բիգլ»-ը դուրս եկավ Ռիո Պլատայից, և այլևս երբեք այդ տղմոտ գետախորշը չմտավ։ Մեր ճանապարհն ուղղված էր դեպի Պորտ Դեզիրե, որը գտնվում է Պատագոնիայի ափերին։ Նախքան այդ վայրերը նկարագրելը, այստեղ ամփոփելու եմ մի քանի դիտողություններ, որոնք կատարվել են ծովի վրա։ Երբ «Բիգլ»-ը Պլատայի գետաբերանից մի քանի մղոն հեռու էր գտնվում, ինչպես և Հյուսիսային Պատագոնիայի ափերից բավականին հեռու, մենք մի քանի անդամ շրջապատվեցինք միջատներով։ Մի երեկո, երբ մենք գտնվում էինք Սան Բլաս ծոցից տասը մղոն հեռու, թիթեռների մի ահռելի քանակություն, կազմված անհաշիվ խմբերից կամ երամներից, բռնել էր մի հսկայական տարածություն, տարածվելով այնքան հեռու, որքան աչքը կարող է տեսնել։ Մինչև անգամ հեռադիտակի օգնությամբ հնարավոր չէր տեսնել թիթեռներից ազատ տարածություններ։ Նավաստիները բացագանչում էին՝ «Թիթեռների ձյուն է գալիս», և իսկապես տեսարանն այդ էր ներկայացնում։ Այնտեղ կային մեկից ավելի տեսակներ, բայց մեծ մասը պատկանում էր մի տեսակի, որը նման է անգլիական սովորական Colias edusa-յին, բայց, իհարկե, նույնը չէր։ Նրանց հետ խառն էին նաև մի քանի ցեցեր և թաղանթաթև միջատներ, և մի գեղեցիկ բզեզ (Calosoma) թռավ նավի տախտակամածի վրա։ Հայտնի են և այլ դեպքեր, երբ այս բզեզը բռնվել է հեռու բաց ծովի վրա. այդ դեպքն ավելի հետաքրքրական է որովհետև բզեզները (Carabidae) շատ քիչ են թռչում կամ երբեք չեն թռչում։ Այդ օրը, ինչպես և նախընթաց օրը, անցել էր պարզ և խաղաղ, լուսավոր և փոփոխական եղանակով, այնպես որ չի կարելի ենթադրել, որ այդ միջատներն ափից քամին էր քշել բերել, այլ պետք է եզրակացնենք, որ նրանք կամովին էին ձեռնարկել այդ թռիչքը։ Colias տեսակի մեծ երամների ներկայությունն առաջին հայացքից մեզ հիշեցնում է մի այլ թիթեռնիկի (Vanessa cardui)<ref>Լայելի „Principles of Geology”, հատ. III, էջ 63։</ref> գաղթումները, որի մի քանի դեպքերն արձանագրված են, բայց մյուս միջատների ներկայությունը դրությունը փոխում է և լուսաբանումն ավելի դժվարացնում։ Արևը մայր մտնելուց առաջ հյուսիսից փչեց մի ուժեղ քամի, և այս պետք է որ ոչնչացրած լիներ տասնյակ հազարավոր թիթեռներ և այլ միջատներ։
 
Մի այլ անգամ, երբ Կորիենտես հրվանդանից տասնևյոթ մղոն հեռու էինք գտնվում, ես տախտակամածից ցանցով փորձեցի պելագիկ (բաց ծովի) կենդանիներ բռնել, և երբ հավաքեցի ուռկանը, ի դարմանս իմ՝ նրա մեջ գտա զգալի թվով բզեզներ, և, թեև բաց ծովում, նրանք արտաքնապես այնքան էլ վնասված չէին երևում աղի ջրից։ Ես կորցրի այգ նմուշներից մի քանիսը, բայց պահածներս պատկանում էին Colymbetes, Hydroporus, Hydrobius (երկու տեսակ), Notaphus, Cynucus, Adimonia և Scarabaeus սեռերին։ Սկզբում ինձ այնպես էր թվում, թե այս միջատները քշվել բերվել են ափից, բայց նկատի ունենալով, որ ութ տեսակներից չորսը ջրային էին, իսկ երկուսն էլ իրենց սովորություններով մասամբ ջրային էին, ուստի ինձ համար ամենից հավանական էր թվում, որ նրանք պետք է ծովը մտած լինեին մի առվակի միջոցով, որն սկիզբ է առնում Կորիենտես հրվանդանին մոտիկ գտնվող լճից։ Ինչպես էլ ենթադրենք, այնուամենայնիվ չափազանց հետաքրքրական է գտնել կենդանի միջատներ, որոնք լողում են բաց օվկիանոսում, այն էլ այնպիսի մի տեղում, որն ամենամոտիկ ափից տասնևյոթ մղոն հեռու է։ Պատագոնիայի ափերից ծովը քշված միջատների մասին անցյալներում եղել են մի շարք հիշատակություններ։ Այդ նկատել է և կապիտան Կուկը, իսկ ավելի ուշ՝ կապիտան Կուկը, երբ ճանապարհորդելիս է եղել «Էդվենչըր» նավով։ Այս հավանորեն պետք է վերագրել ապաստարանի բացակայության, լինի այդ ծառ թե բլուր, այնպես որ որևէ միջատ թռչելիս ափին քամու, հանդիպելիս շատ հեշտությամբ կարող է դեպի ծովը տարվել։ Ցամաքից հեռու, ծովի վրա բռնված՝ ինձ հայտնի միջատներից ամենազարմանալին մի մեծ մորեխ էր (Acridium), որը թռավ նավի տախտակամածի վրա, երբ «Բիգլ»-ը նավարկում էր Կանաչ հրվանդանի կղզիներից, և երբ ցամաքի ամենամոտիկ կետը, որն ուղղակի պասսատների հակառակ ուղղությանը չէր գտնվում, Բլանկո հրվանդանն էր՝ Աֆրիկայի ափին, երեք հարյուր յոթանասուն մղոն հեռու։<ref>Այն ճանճերը, որոնք հաճախ մի քանի օր լինում են նավի հետ, երբ վերջինս նավահանգստից նավահանգիստ է անցնում, հեռանում են նավից և շուտով կորչում ու բոլորն էլ ոչնչանում են։</ref>
 
Ուրիշ անգամներ, երբ «Բիգլ»-ը եղել է Պլատայի գետաբերանի սահմաններում, նավի պարանասարքը պատած է եղել հյուսող սարդերի ոստայնով։ Մի օր (1832 թվի նոյեմբերի մեկին) ես առանձնապես հետաքրքրվեցի այս խնդրով։ Եղանակը պարզ էր և խաղաղ, և առավոտյան օդը լցված էր ոստայնի փաթիլանման մասերով, ինչպես այդ աշնանային օրերին լինում է Անգլիայում։ Նավն ափից գտնվում էր վաթսուն մղոն հեռու, մի անընդհատ և միօրինակ փչող, թեև մեղմ, քամու ուղղությանը։ Փոքր տեսակի սարդերի մի մեծ բազմություն, որոնք ունեին մեկ տասներորդ մատնածափի մեծություն և մութ կարմրավուն գույն, կպել էին ոստայններին։ Պետք էր ենթադրել, որ նավի վրա նրանց թիվը մի քանի հազարից անց էր։ Երբ առաջին անգամ փոքրիկ սարդը հանդիպում էր պարանասարքին, միշտ նստում էր առանձին թելի վրա, և ոչ թև փաթիլավոր զանգվածի վրա։ Թվում է թե վերջինս առաջանում է սոսկ անջատ թելերի խճճվելուց։ Բոլոր սարդերն էլ պատկանում էին միևնույն տեսակին, բայց կային և արուներ և էգեր. նրանց հետ էին և երիտասարդ, փոքրիկ սարդերը։ Վերջիններս տարբերվում էին իրենց համեմատաբար փոքր ծավալով և ավելի մութ թխագույն գույնով։ Ես այս սարդի նկարագրությունը չեմ տալու, այլ սոսկ նշելու եմ, որ ըստ իս նա չի ներառված Լատրելիեի սեռերից և ոչ մեկի մեջ։ Փոքրիկ օդանավորդը հենց որ նավի վրա էր ընկնում, սկսում էր իր գործունեությունը, վազում էր դես-դեն, երբեմն իրեն ներքև էր գցում, ապա նորից բարձրանում միևնույն թելով, երբեմն զբաղված էր լինում պարաններից կազմված անկյուններում մի չափազանց անկանոն և փոքր ոստայն գործելով։ Նա հեշտությամբ կարող էր վազել ջրի երեսին, երբ նրան անհանգստացնում էին, նա բարձրացնում էր իր առջևի ոտները և կանգ առնում՝ ուշադիր կեցվածքով։ Տեղ հասնելիս սկզբում շատ ծարավ էր երևում և իր ծնոտները երկարացրած՝ ագահորեն կաթիլներով ջուր էր խմում։ Նույն բանը նկատել է և Ստրակը. արդյոք դրանից չի՞ կարելի հետևցնել, որ այդ միջատն անցել է չոր և նոսր մթնոլորտով։ Նրա ոստայնի պաշարն անսպառ էր երևում։ Երբ դիտում էի մի քանի ոստայններ, որոնք կախված էին մի հատիկ թելից, մի քանի անգամ ես նկատեցի, որ օդի ամենաչնչին շարժումն անգամ նրանց հորիզոնական գծով քշում տանում էր հեռուները, մինչև կորչում էին մեր տեսողությունից։ Մի այլ անգամ (25-ին) միևնույն պայմաններում ես երկու անգամ նկատեցի միևնույն տեսակի մի փոքրիկ սարդ, որը կամ կեցած էր լինում մի փոքր բարձրության վրա կամ սողում նրա վրայով։ Նա բարձրացնում էր իր փորը, բաց էր թողնում մի թել և ապա հորիզոնական ձևով նավարկում անցնում էր. այդ նա կատարում էր բոլորովին անըմբռնելի արագությամբ։ Ինձ թվում էր, թե ես նկատում էի, որ սարդը, նախքան վերոհիշյալ նախապատրաստական քայլերն անելը, ամենանուրբ թելերով իր ոտքերը կապում էր իրար, բայց ես չեմ կարող վստահորեն ասել, թե իմ այս դիտողությունը ճիշտ է։
 
Մի օր Սանտա Ֆեում ես մի ավելի լավ առիթ ունեցա նման մի դիտողության համար։ Մի սարդ, որը կլիներ մոտ երեք տասերորդ մատնաչափ երկարության և որն իր ընդհանուր տեսքով նման էր մի արագոտնի (Citigrade) (ուստի և բոլորովին տարբեր սովորական թելաթիռ սարդերից), կանգնելով մի ձողի ծայրին՝ իր մանելու գործարանից բաց թողեց չորս-հինգ թել։ Սրանք արևի տակ արձակած իրենց շողքով նման էին լույսի տարածված ճառագայթներին. սակայն նրանք ուղիղ չէին, այլ ալիքավոր էին, նման քամու քշած մետաքսե ժապավենների։ Նրանք ունեին մեկ կանգունից ավելի երկարություն և դուրս զալով շեղվում էին դեպի վեր։ Այնուհետև սարդը հանկարծակի լքեց իր պոստը և կարճ ժամանակում բոլորովին անհետացավ։ Օրն ըստ երևույթին բոլորովին խաղաղ էր և տաք. բայց այսպիսի պայմաններում մթնոլորտը երբեք չի կարող այնպես խաղաղ լինել, որ սարդի ոստայնի թելի նման նուրբ հողմացույցը չազդվի։ Երբ մի տաք օր մենք դիտում ենք մի թմբի վրա ընկած որևէ առարկայի ստվեր կամ հեռվում սահմանաքարի մոտ գտնվող հարթ տարածություն, գրեթե միշտ նկատելի են լինում տաքացած օդի բարձրացող հոսանքի նշանները. դեպի վեր բարձրացող նման հոսանքներ նկատվել են նաև օճառի պղպջակների բարձրացման ժամանակ, որոնք փակ սենյակում չեն բարձրանում։ Ուստի կարծում եմ, որ շատ դժվար չէ հասկանալ սարդի մանող գործարանից դուրս եկած նուրբ թելերի, ինչպես և հետագայում իրեն՝ սարդի բարձրացման պատճառները։ Իմ կարծիքով՝ մր. Մըրրեյը փորձել է թելերի ցրվելը բացատրել նրանց միօրինակ էլեկտրական վիճակով։ Այն հանգամանքը, որ ցամաքից փարսախներով հեռու մի քանի անգամ երևացել են միևնույն տեսակի և տարբեր սեռի ու տարիքի սարդեր, որոնք մեծ թվով միացած են թելերին, ցույց է տալիս, որ հավանորեն այս ցեղին նույն չափ բնորոշ է օդի միջից նավարկելու սովորությունը, որչափ որ Argyroneta-յի համար սուզվելն է։ Այսպիսով մենք կարող ենք առարկել Լատրեյլի այն ենթադրության դեմ, ըստ որի թռչող թելիկներն անտարբեր կերպով արդյունք են մի քանի սեռի պատկանող սարդերի ձագերին, թեև, ինչպես տեսանք, այլ սարդերի ձագերն ընդունակ են օդային ճանապարհորդություններ կատարելու։<ref>Մր. Բլեկուոլն իր „Researches in Zoology” աշխատության մեջ սարդերի սովորությունների վերաբերյալ բազմաթիվ արժեքավոր դիտողություններ ունի։</ref>
 
Երբ մեր նավը լողում էր Պլատայից հարավ, ես հաճախ նավի հետևի կողմում քաշում էի դրոշակի կտավից կազմված մի ցանց և այսպիսով բռնում էի բազմաթիվ հետաքրքրական կենդանիներ։ Ողորկապատյաններից կային չնկարագրված և տարօրինակ բազմաթիվ սեռեր։ Նրանցից մեկը, որը մի քանի կողմերով մոտիկ է թիկնոտնյաներին (Notopoda—խեչափառներ, որոնց վերջին ոտները գրեթե գտնվում են կռնակներին՝ տակից ժայռերին կառչելու համար), չափազանց հետաքրքրական է իր հետևի մի զույգ ոտների կառուցվածքի տեսակետից։ Նախավերջին հոդը, փոխանակ վերջանալու պարզ ճանկերով, վերջանում է տարբեր երկարության երեք թաթաձև հավելվածքներով, որոնցից ամենաերկարը հավասար է ամբողջ սրունքին։ Այս ճանկերը չափազանց բարակ են և սղոցավորված են վերին աստիճանի մանր ատամներով, որոնք ուղղված են դեպի ետ, նրանց կորացած վերջավորությունները տափակ են, և այս մասում տեղավորված են հինգ չափազանց մանր բաժակներ, որոնք կարծեք թե այն նշանակությունն ունեն, ինչ որ թանաքաձկների թևերի վրա գտնվող ծծանները։ Որովհետև այո կենդանին ապրում է բաց ծովում և հավանորեն կարիք ունի հանգստանալու տեղի, ուստի ես կարծում եմ, որ այս գեղեցիկ և վերին աստիճանի անկանոն կաոուցվածքը հարմարեցված է լողացող ծովային կենդանիների վրա նստելուն։
 
Ցամաքից հեռու, խորը ջրում ապրող էակների թիվը շատ փոքր է, 35° հարավ ինձ չհաջողվեց բռնել և ոչ մի բան, եթե չհաշվենք մի քանի Beroe-ներ (ձվաձև կենդանաբույս) և շատ քիչ քանակությամբ մանր միջատախեցյա խեցեմորթներ (Entomostracus Crustacea)։ Ծանծաղ ջրերում, ափից մի քանի մղոն հեռու, վխտում են մեծ քանակությամբ բազմաթիվ տեսակի խեցեմորթներ և մի քանի այլ կենդանիներ, բայց միայն գիշերը։ Հոռն հրվանդանից հարավ, 56° և 57° լայնությունների միջև, մի քանի անգամ ուռկանը նավի հետևը ծովը գցեցի, բայց, բացի երկու տեսակի պատկանող մի քանի վերին աստիճանի մանր միջատախեցիներից, ուրիշ ոչինչ չբռնվեց։ Մինչդեռ օվկիանոսի այս մասում ամենուրեք վխտում են մեծ կետեր, փոկեր, մրրկահավեր և ալբատրոսներ։ Ինձ միշտ անհասկանալի է եղել, թե ինչո՛վ է սնվում ալբատրոսը, որն ապրում է ափից բավականին հեռու, ես ենթադրում եմ, որ կոնդորի նման նա կարող է երկար ժամանակով ծոմ պահել, և մի լավ խնջույքը կետի նեխվող մնացորդների վրա նրան կարող է պահել երկար ժամանակով։ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական և միջտրոպիկական մասերը վխտում են թևոտնյաներով (Pteropoda). խեցեմորթներով (Crustacea), ճառագայթավորներով (Radiata), նրանց կուլ տվող թռչող ձկով և վերջինս կուլ տվող բոնիտոներով և ալրիկորներով։
 
Կարծում եմ, որ պելագիկ բազմաթիվ ստորին կենդանիները սնվում են ինֆուզորիայով, որոնք, ըստ Էրենբերգի վերջին հետազոտությունների՝ հորդում են բաց օվկիանոսում. իսկ ինչո՞վ են ապրում այդ ինֆուզորիաները վճիտ կապույտ ջրում։
 
Մի շատ մութ գիշեր, երբ նավով անցնում էինք Պլատայից քիչ հարավ, ծովը ներկայացնում էր մի զարմանալի և վերին աստիճանի գեղեցիկ տեսարան։ Փչում էր մեղմ և թարմ զեփյուռ, և օվկիանոսի ամբողջ մակերեսը, որը ցերեկը փրփուր է ներկայացնում, շողում էր աղոտ լույսով։ Նավի ցռուկի առջևից բարձրանում էին երկու ալիք, կարծեք թե կազմված էին հեղուկ ֆոսֆորից, իսկ հետքում նավին հետևում էին կաթնային ալիքներ։ Այնքան, որքան աչքը կարող էր տեսնել, յուրաքանչյուր ալիքի արտաքին շերտը երևում էր պայծառ, իսկ հորիզոնից վերև երկինքն այս կապուտակ բոցերի շլացուցիչ լույսի անդրադարձումից այնպես մթին չէր, ինչպես երկնակամարը։
 
Որքան ավելի հարավ ենք գնում, այնքան ծովի ֆոսֆորայնությունը նվազում է. իսկ Հոռն հրվանդանից այն կողմ, որչափ հիշում եմ, միայն մի անգամ հանդիպեցինք նման երևույթի, և այն էլ իր պայծառությամբ նախորդներից շատ ետ էր մնում։
 
Այս հանգամանքը հավանորեն սերտ առնչություն ունի օվկիանոսի այդ մասում օրգանական էակների սակավության հետ։ Ծովի ֆոսֆորայնության մասին Էրենբերգի մանրակրկիտ հետազոտությունից հետո<ref>Այս աշխատության համառոտ բովանդակությունը տրված- է „Magazine of Zoology and Botany”-ի IV համարում։</ref> իմ կողմից դիտողություններ անելն ավելորդ կլինի։
 
Սակայն ես կարող եմ ավելացնել, որ գուցե և Էրենբերգի նկարագրած այն միևնույն կտրտված և անկանոն դոնդողանման նյութի մասնիկներն ենք որ առաջացնում են այս երևույթը և՛ հարավային, և՛ հյուսիսային կիսագնդում։ Այդ մասնիկներն այնքան մանր էին, որ հեշտությամբ անցնում էին նուրբ հյուսված շղարշների միջից. այնուամենայնիվ շատերը պարզ երևում էին հասարակ աչքով։ Բաժակում լցրած ջուրը ցնցելիս՝ կայծեր էր առաջացնում, իսկ եթե մի փոքր քանակությամբ լցնեին ժամացույցի ապակու վրա, պայծառությունը շատ աննշան էր լինում։ Էրենբերգն ասում է, որ բոլոր այս մասնիկներն ունեն գրգռականություան որոշ աստիճան։ Իմ դիտողությունները, որոնք մասամբ կատարվել են ջուրը վերցնելուց անմիջապես հետո, տարբեր արդյունք են տվել։ Կարող եմ ավելացնել և այն, որ մի գիշեր ցանցը գործածելուց հետո թողի, որ նա մասամբ չորանա, և երբ տասներկու ժամ հետո նորից առիթ ունեցա այն գործածելու, նկատեցի, որ նրա ամբողջ մակերեսն այնպես պայծառ էր լուսավորված, ինչպես լինում է ջրից դուրս քաշելու ժամանակ։ Ինձ հավանական չի թվում, որ այս դեպքերում մասնիկներն այդքան երկար կարողանան կենդանի մնալ։ Մի անգամ Dianaea սեռին պատկանող մի հիդրոմեդուզա պահեցի ջրում մինչև նրա սատկելը. ջուրը, որի մեջ գտնվում էր նա, սկսեց լուսավորվել։ Երբ ալիքները շողշողում են բաց կանաչ կայծերով, կարծում եմ, որ այդ հետևանք է մանր խեցեմորթների ներկայության, բայց կասկած չկա, որ բազմաթիվ պելագիկ այլ կենդանիներ կենդանի հղած ժամանակները ֆոսֆորէսցենտ են։
 
Երկու անգամ ես նկատել եմ, որ ծովը մակերեսից բավականին ներքև, զգալի խորությամբ լուսավորված է եղել։ Պլատայի գետաբերանին մոտիկ մի քանի կլոր և ձվաձև տարածություններ, երկուսից չորս կանգուն տրամագծով և որոշակի շրջագծով, շողում էին մշտական, բայց դալուկ լույսով, մինչ շրջապատի ջուրը միայն երբեմն կայծեր էր տալիս։ Այդ տեսարանը նմանվում էր լուսնի կամ մի լուսավոր մարմնի անդրադարձմանը, որովհետև ծայրերը մակերեսի ալիքավորումից մանվածոտ էին դարձել։ Նավը, որն ակոսում էր տասներեք ոտնաչափ խորությամբ, անցնելով այս շերտերի վրայով չկարողացավ ոչնչացնել նրանց։
 
Այստեղից մենք կարող ենք ենթադրել, որ մի շարք կենդանիներ, իրար մոտ հավաքված, ավելի խոր տեղում էին գտնվում, քան նավի հատակը։
 
Ֆերնանդո Նորոնյայի մոտ ծովից դուրս էին գալիս լույսի բծեր։ Այդ շատ նման էր այն տեսարաններին, որոնք կարող են ստացվել, երբ լուսավոր հեղուկի միջից անցնի մի մեծ ձուկ։ Նավաստիներն այդպես էլ կարծում էին։ Սակայն նկատի ունենալով լույսի բծերի հաճախակիությունը և արագությունը, իմ մեջ որոշ կասկածներ առաջացան։ Ես արդեն նշել եմ, որ այդ երևույթը շատ ավելի սովորական է տաք երկրներում, քան ցուրտ, և երբեմն ինձ այնպես է թվացել, որ նրա առաջացման համար ամենանպաստավոր պայմանը մթնոլորտի խանգարված էլեկտրական վիճակն է։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մի քանի օր համեմատաբար խաղաղ եղանակից հետո ծովն ավելի լուսավոր է լինում, և այդ ժամանակ նրա մեջ վխտում են զանազան կենդանիներ։ Նկատի ունենալով, որ դոնդողանման մասնիկներով լցված ջուրն անմաքուր է լինում, և ծովի լուսավորվածությունը բոլոր սովորական դեպքերում առաջանում է հեղուկն օդի ներկայությամբ ցնցվելուց, ուստի ես հակամետ եմ ընդունելու, որ այդ ֆոսֆորայնությունն արդյունք է օրգանական մասնիկների քայքայման, և որ այդ պրոցեսով (որ թերևս կարելի է անվանել մի տեսակ շնչառություն) օվկիանոսը մաքրվում է։
 
'''Դեկտենբերի 23.'''— Ժամանեցինք Պորտ Դեզիրե, որը գտնվում է Պատագոնիայի ափերին, 47° լայնության վրա։ Ծովախորշը մոտ քսան մղոն մտնում է ներս՝ դեպի ցամաքը, անհավասար լայնությամբ։ «Բիգլ»-ը խարիսխ գցեց մուտքից մի քանի մղոն ներս, սպանական մի հին բնակավայրի ավերակների դիմաց։ Նույն երեկոյան ես ափ դուրս եկա։ Մի նոր երկրում առաջին անգամ ցամաք դուրս գալը չափազանց հետաքրքրական է, մանավանդ երբ, ինչպես այս դեպքումն է, երկրի ամբողջ տեսքը մի ուշագրավ և ուրույն կնիք ունի։ Երկուսից երեք հարյուր ոտնաչափ բարձրությունում պորֆիրային զանգվածների վրա տարածվում է մի լայնատարած հարթավայր, որն իսկապես հատկանշական է Պատագոնիայի համար։ Մակերեսը կատարյալ հարթ է և կազմված է լավ կլորացրած մանր գետաքարերից, որոնց հետ խառն կա նաև սպիտակավուն հող։ Այստեղ և այնտեղ ցրված գտնվում են թելանման, թուխ գույնի խոտի փնջեր, իսկ շատ ավելի սակավ կարելի է հանդիպել փշոտ ցածր թփուտների։ Եղանակն այստեղ չորային է ու հաճելի, և գեղեցիկ կապույտ երկինքը շատ քիչ է մթագնում։ Եբբ մեկը կանգնում է այս ամայի հարթավայրերի մեջ և նայում դեպի երկրի խորքերը, սովորաբար տեսարանն ընդհատվում է մի այլ հարթավայրի սուր զառիթափով, որն ավելի բարձր է, բայց նույնչափ հարթ է և ամայի, բոլոր ուղղություններով հորիզոնն անորոշ է թրթռացող միրաժից, որն, ըստ երևույթին, բարձրանում է տաքացող մակերեսից։
 
Այնպիսի մի երկրում շատ շուտով վճռվեց սպանական գաղութի բախտը. եղանակի չորությունը տարվա մեծ մասում, և թափառական հնդիկների կրկնվող թշնամական հարձակումներն ստիպել էին այդ կոլոնիստներին լքել իրենց կիսավարտ շենքերը։ Այն ոճը, որով նրանք սկսել էինք ցույց է տալիս հին ժամանակների Սպանիայի ուժեղ և լիբերալ գործելակերպը։ 41°ից հարավ Ամերիկայի այս մասում գաղութ հիմնելու բոլոր փորձերը ողորմելի արդյունք տվել։ Պորտ Ֆեմին<ref>Սովի նավահանգիստ։ ''Ծ. Թ.''</ref> անունը կազմող բառերն արտահայտում են մի քանի հարյուր թշվառ մարդկանց չարչարանքներն ու տառապանքները, որոնցից միայն մեկը կենդանի մնաց նրանց դժբախտության մասին պատմելու համար։ Սեն Ժոզեֆ ծովածոցի ափերին, Պատագոնիայում, հիմնվում է մի փոքրիկ գաղութ. բայց մի կիրակի օր հնդիկները հարձակում են գործում այս գաղութի վրա և, բացառությամբ երկուսի, կոտորում ամբողջ խումբը. այդ երկուսին երկար տարիներ իրենց մոտ պահում են որպես գերիներ։ Ռիո Նեգրոյում ես խոսում էի. այս մարդկանցից մեկի հետ, որը գտնվում էր խոր ծերության մեջ։
 
Պատագոնիայի Կենդանական աշխարհը նույնչափ սահմանափակ է, որչափ բուսականռւթյունը։<ref>Այստեղ ես գտա կակտուսի մի տեսակ, որը նկարագրել է պրոֆեսոր Հենսլոն Opuntia Darwinii անունով (Magasine of Zoology and Botany, vol. I, p. 466), որը հայտնի էր իր առեչների գրգռականությամբ. այդ բանը նկատվում էր, երբ ծաղկի մեջ մտցնում էի փայտի մի ձողիկ կամ մատիս ծայրը։ Պարածողկի թերթիկները ևս փակվում էին սերմնափակի վրա, բայց ավելի դանդաղ, քան առեչները։ Այս ընտանիքի բույսերը, որոնք սովորաբար համարվում են արևադարձային բույսեր, տարածված են և Հյուսիսային Ամերիկայում (Lewis and Claike’s „Travels”, p. 221). միևնույն լայնության վրա, այսինքն երկու երկրումն էլ 47° վրա։</ref> Այդ չոր հարթավայրերում պատահում են մի քանի սև բզեզներ (Heteromera), որոնք դանդաղորեն սողում են այս ու այն կողմ, և երբեմն էլ երևում են մողեսներ, որոնք նետի պես վազում են մի կողմից մյուսը։ Թռչուններից այստեղ կարելի է գտնել երեք գիշակեր բազե, իսկ հովիտներում՝ մի քանի տեսակ սարեկներ և միջատակերներ։ Իբիս թռչունը (Theristicus melanops — մի տեսակ, որը, ինչպես ասում են, գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում, նույնպես տարածված է ամենաամայի և չոր մասերում. նրանց ստամոքսներում ես գտա մորեխներ, ճպուռներ, փոքրիկ մողեսներ և մինչև անգամ կարիճներ։<ref>Այս միջատները մեծ քանակություններով գտնվում են քարերի տակ։ Մի անգամ ես գտա իր նմանն ուտող մ ի կարիճ. նա շատ հանգիստ կուլ էր տալիս մի ուրիշ կարիճի։</ref> Տարվա որոշ ժամանակում այս թռչունները թռչում են երամներով, իսկ մնացած ժամանակներում՝ զույգերով. նրանց ձայնը շատ բարձր է և եզակի, նման գուանակոյի խրխինջին։ Գուանակոն, կամ վայրի լաման, Պատագոնիայի հարթավայրերի բնորոշ չորքոտանին է. նա արևելքի ուղտի հարավային-ամերիկյան ներկայացուցիչն է։ Բնական վիճակում նա գեղակազմ կենդանի է, ունի բարակ երկար վիզ և նուրբ սրունքներ։ Նա շատ տարածված է մայր ցամաքի ամբողջ բարեխառն մասերում. նրան կարելի է հանդիպել հարավում մինչև Հոռն հրվանդանի մոտիկ կղզիները։ Նա սովորաբար ապրում է փոքր երամակներով, յուրաքանչյուր խումբ բաղկացած է վեցից մինչև երեսուն գուանակոյից. բայց մի անգամ, Սանտա Կրուսի ափերին մենք հանդիպեցինք մի երամի, որն առնվազն պետք է բաղկացած լիներ հինգ հարյուր գուանակոյից։
 
Ընդհանրապես սրանք լինում են վայրենի և վերին աստիճանի վախկոտ։ Մր. Ստոքսն ինձ պատմում էր, որ մի օր ինքը հեռադիտակով տեսել է այս կենդանիներից կազմված մի երամ, որոնք ըստ երևույթին վախեցած վազելիս են եղել լրիվ արագությամբ, թեև այնքան հեռու են եղել, որ ինքը հասարակ աչքով չի կարողացել տարբերել նրանց։ Որսորդը նրանց ներկայության առաջին նշաններն ստանում է ահագին հեռավորությունից եկող նրանց տագնապի յուրահատուկ զիլ խրխինջներից։ Եթե նա ուշադիր նայի, հավանորեն կտեսնի երամը մի հեռավոր բլրի կողքին մի գծի վրա շարված։ Մոտիկանալիս նրանք նորից են արձակում մի քանի ահաբեկված ձայներ և շարունակում իրենց փախուստը, որը թեև թվում է դանդաղ, բայց իսկապես արագ վազք է։ Նրանք գնում են շարունակ գործածվող մի նեղ շավղով դեպի մոտակա մի բլուր, իսկ եթե բախտի բերմամբ նա հանկարծ հանդիպի այս կենդանիներից մեկին կամ մի քանիսին միասին, սովորաբար նրանք կկանգնեն անշարժ և ուշի-ուշով, ապշած կնայեն նրան. գուցե մի քանի կանգուն շարժվենք որից հետո շուռ կգան և նորից կնայեն։ Հարց է առաջանում, թե ինչու, նրանք հեռվից և մոտիկից մարդու կողմից սպասվող վտանգների նկատմամբ տարբեր վերաբերմունք են ցուցաբերում։ Արդյոք նրանք հեռվում կանգնած մարդուն չե՞ն շփոթում իրենց գլխավոր թշնամի պումայի հետ, թե մոտիկ տարածության վրա հետաքրքրությունը ցրում է նրանց վախի զգացմունքը։ Որ նրանք հետաքրքրվող կենդանիներ են, այդ մասին կասկած չի կարող լինել, որովհետև եթե մի մարդ պառկի գետնին և կատարի տարօրինակ, միմոսական շարժումներ, ինչպես, օրինակ, ոտներն օդի մեջ պարզելը, նրանք գրեթե միշտ աստիճանաբար մոտ են գալիս՝ նրան մոտիկից դիտելու համար։ Այդ խորամանկությունը հաճախակի հաջողությամբ կրկնում էին և մեր որսորդները. միաժամանակ նույն դիրքում էլ սկսում էին հրացանները կրակել, որը համարվում էր այդ գործողության մի մասը։ Հրո Երկրի սարերում ես մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես գուանակո տեսնելիս, երբ մոտեցել եմ նրանք նա ոչ մի այն խրխնջացել և զանազան տարօրինակ ձայներ է արձակել, այլ և ամենածիծաղելի ձևերով կանգնել է հետևի ոտքերի վրա և ցատկոտել այս ու այն կողմ, ըստ երևույթին հարձակում էր սպասում։ Այս կենդանիները շատ հեշտությամբ են ընտելանում, և ես տեսել եմ նրանցից մի քանիսը հյուսիսային Պատագոնիայում մի տան մոտ պահելիս, որոնք ազատ են եղել որևէ սահմանափակումից։ Այսպիսի ընտելացած գուանակոները շատ համարձակ են լինում և հեշտությամբ հարձակվում են մարդու վրա և երկու ծնկներով խփում նրա կռնակին։ Ասում են, որ այս հարձակումների շարժառիթը նրանց՝ էգերի նկատմամբ ունեցած խանդն է։ Վայրի գուանակոները պաշտպանվելու մասին ոչ մի գաղափար չունեն, մինչև անգամ մի շուն առանձին կարող է պահել այս կենդանիրերից մեկին մինչև որսորդի գալը։ Իրենց մի շարք սովորություններով նրանք նման են հոտի մեջ գտնվող ոչխարներին։ Այսպես՝ երբ նրանք տեսնում են մարդկանց ձիու վրա զանազան կողմերից մոտենալիս, անմիջապես շփոթվում են և չեն իմանում, թե ինչ ուղղությամբ փախչեն։ Այս մեծ չափով հեշտացնում է հնդիկների եղանակով նրանց որսալը, որովհետև այսպիսով նրանց հեշտությամբ կարելի է քշել մի կենտրոնական վայր և շրջապատելով բռնել։
 
Գուանակոները շատ հեշտությամբ են մտնում ջուրը. Պորտ Վալդեսում մի քանի անգամ նրանք երևացել են մի կղզուց մյուսը լողալիս։ Բայրոնն<ref>Հռչակավոր ծովագնաց, հայտնաբերել է բազմաթիվ կղզիներ (1723—1783)։ ''Ծ. Թ.''</ref> իր հովային ճանապարհորդության մեջ ասում է, որ նա տեսել է այս կենդանիներին աղի ջուր խմելիս։ Մեր սպաներից մի քանիսը ևս տեսել են այս կենդանիների մի երամ, որոնք, ըստ երևույթին, խմելիս են եղել Բլանկո հրվանդանի մոտ մի սալինայից հոսող աղի ջրից։ Իմ կարծիքով՝ այդ երկրի մի քանի մասերում, եթե նրանք աղի ջուր չխմեն, ուրիշ ոչ մի ջուր չեն գտնի խմելու։ Կեսօրներին նրանք հաճախ թավալում են փոշու մեջ, ձագարանման փոսերում։ Արուները կռվում են իրար հետ։ Մի օր երկուսն անցան իմ կողքից, որոնք ամեն կերպ աշխատում էին կծոտել իրար. մեր սպանածների մեծ մասի մորթու վրա խորը սպիներ կային։ Երբեմն գուանակոյի երամները դուրս են գալիս հետախուզության. մի օր Բահիա Բլանկայում, որտեղ, ափից երեսուն մղոն ներս, այս կենդանիները շատ հազվագյուտ են դառնում, տեսա երեսունից քառասուն գուանակոյի ոտնահետքեր, որոնք ուղիղ գծով եկել էին դեպի աղի ջրի մի տղմոտ խորշ։ Նրանք պետք է նկատած լինեին, որ մոտեցել են ծովին, որովհետև կանոնավոր հեծելազորի նման նրանք շուռ էին եկել և վերադարձել նույնպիսի ուղիղ գծով։ Գուանակոներն ունեն մի տարօրինակ սովորություն, որն ինձ համար բոլորովին անբացատրելի է։ Նրանք մի քանի օր իրար հետևից իրենց աղբը թափում են միևնույն որոշ կույտի վրա։ Ես տեսա այսպիսի մի կույտ, որն ուներ մոտ ութ ոտնաչափ տրամագիծ և պարունակում էր մեծ քանակությամբ աղբ։ Ըստ Մ. Ա. դ’Օրբինիի՝ այս սովորությունն ընդհանուր է այդ սեռի բոլոր տեսակների համար։ Պերուի հնդիկների համար այդ շատ օգտակար է. նրանք այդ աղբը գործածում են որպես վառելիք և այս սովորության շնորհիվ ազատվում են այն հավաքելու նեղությունից։
 
Գուանակոյի համար, թվում է թե, գոյություն ունեն առանձին սիրած տեղեր՝ պառկելու սատկելու համար։ Սանտա Պրուսի ափերին որոշ սահմանափակ տարածություններ, որոնք սովորաբար մացառուտ էին լինում և բոլորն էլ գետին մոտիկ, գետինն սպիտակել էր ոսկրներից։ Այսպիսի մի տեղում ես հաշվեցի տասից քսան գլուխ։ Ես առանձնապես քննեցի ոսկրներլը՝ պարզելու համար, թե արդյոք նրանք ևս ցրված ոսկրների նման քերծված կամ ջարդված չէին, որոնք այդտեղ կարող էին հավաքված լինել գիշատիչ գազանների կողմից, բայց չգտա և ոչ մի ոսկր, որ այդպես լիներ։ Պետք է որ այս կենդանիները մեծ մասամբ, նախքան սատկելը, սողացած լինեին այդ մացառների կողքերից և տակից։ Մր. Բայնոն ինձ տեղեկացնում է, որ առաջներում կատարած իր մի ճանապարհորդության ժամանակ նա նույն բաները նկատել է և Ռիո Գալեգոսի արփերին։ Սրա պատճառը ես բոլորովին չեմ հասկանում, բայց կարող եմ ավելացնել, որ Սանտա Կրուսում վիրավոր գուանակոները միշտ քայլում էին դեպի գետը։ Սանտ Յագոյում (Կանաչ Հրվանդանի կղզիներում) ես հիշում եմ մի կիրճում մի մեկուսացած անկյուն, որը ծածկված էր այծի ոսկրերով. այդ տեսնելիս մենք բացագանչեցինք, որ այդ վայրը կղզու բոլոր այծերի գերեզմանոցն է։ Այս չնչին մանրամասնությունները ես հիշատակում եմ այն նպատակով, որ երբեմն սրանցով կարելի է բացատրել քարանձավում գտնվող կամ ջրի բերած տղմի տակ թաղված՝ չվնասված, ամբողջական ոսկրների ծագումը, ինչպես և պարզել, թե ինչու որոշ կենդանիներ ավելի շատ կարելի է գտնել թաղված սեդիմենտային նստվածքների մեջ, քան մյուսները։
 
Մի անգամ Մր. Չեֆերսի ղեկավարությամբ մակույկը, երեք օրվա նախապատրաստությամբ, ուղարկվեց նավահանգստի վերին մասը հետազոտելու համար։ Առավոտ յան մենք սկսեցինք որոնել մի քանի առվակներ, որոնք հիշատակված էին սպանական մի հին քարտեզում։ Մի խորշ գտանք, որի ծայրին գտնվում էր աղի ջրով մի կարկաչուն վտակ (այդ առաջին աղի վտակն էր, որ մենք գտնում էինք)։ Այստեղ մակընթացությունն ստիպեց մեզ մի քանի ժամ սպասել, և այղ ժամանակամիջոցում ես մի քանի մղոն գնացի երկրի ներսերը։ Այստեղ ևս մյուս տեղերի նման հարթավայրը ծածկված էր խիճերով, որոնք հողի հետ խաոնված՝ հարթավայրին տվել էին կավճի տեսք, բայց իհարկե, իր բնույթով բnլորովին տարբերվում էր նրանից։ Այս նյութերի փափկությունից այդ հարթավայրը մաշվել և վերածվել էր բազմաթիվ հեղեղատների։ Ոչ մի ծառ չէր երևում, և, բացառությամբ գուանակոյի, որը որպես իր երամի արթուն պահապան կանգնած էր լինում բլրի ծայրին, հազիվ թե գտնվեր մի այլ կենդանի կամ թոչուն։ Ամենուրեք տիրապետում էր ամայությունն ու լռությունը։ Այնուամենայնիվ այս տեսարաններից անցնելիս, որտեղ չկա և ոչ մի զվարթացնող առարկա մարդու հոգում առաջանում է հաճույքի մի անորոշ, բայց ուժեղ զգացմունք։ Մարդ իրեն ակամայից հարց է տալիս, թե քանի՜-քանի տարիներ այս հարթավայրն այսպես գոյություն է ունեցել և ո՜րչափ ժամանակ էլ նա դատապարտված է այսպես մնալռւ։
<poem>
 
«Ոչ ոք չի կարող պատասխանել, ամեն ինչ հավերժական է թվում այժմ։
Անապատն ունի մի խորհրդավոր լեզու,
Որը ներշնչում է երկյուղալի կասկածներ»։<ref>Շելլի, տողեր Մոնբլանի մասին։</ref>
</poem>
 
Երեկոյան մի քանի մղոն ևս նավարկեցինք առաջ և ապա գիշերելու համար կանգնեցրինք մեր վրանները։ Հաջորդ օրը կեսօրին մակույկը գետնի մեջ խրվեց և ջրի ծանծաղությունից այլևս առաջ շարժվել չէր կարող։ Որովհետև ջուրը մասամբ անուշահամ էր, Մր. Չեֆերսը վերցնելով հնդկական նավակը՝ երկու-երեք մղոն ևս շարժվեց դեպի վեր, որտեղ մակույկը նորից խրվեց գետնի մեջ, բայց այս անգամ անուշահամ ջրով գետի մեջ։ Ջուրը տղմոտ էր, և թեև այդ առուն աննշան մեծություն ուներ, նրա ծագումը դժվար էր վերագրել որևէ այլ բանի, եթե ոչ Կորդիլյերների ձյան հալոցքին։ Այնտեղ, որտեղ մենք իջել էինք, շրջապատված էինք դուրս ցցված խարակներով և պորֆիրային դիք քարափներով։ Չեմ կարծում, որ երբևէ ես տեսել եմ մի տեղ, որն ավելի առանձնացած լիներ աշխարհի մնացած մասերից, քան այս ժայռոտ փոսն էր, այս ընդարձակ հարթավայրի վրա։
 
Նավակայանր վերադառնալուց հետո երկրորդ օրը ես և մի քանի սպա գնացինք հետազոտելու հնդկական մի հին գերեզման, որը ես գտել էի մոտակա մի բլրի գագաթին։
 
Երկու խոշոր քար, որոնցից յուրաքանչյուրը հավանորեն կկշռեր առնվազն երկու տոնն, դրված էին վեց ոտնաչափ բարձր ժայռագոտու առջև։ Գերեզմանի հատակին պինդ քարի վրա կար մեկ ոտնաչափ խորությամբ հող, որը պետք է որ ներքևից, դաշտից բերած լինեին։ Նրա վերևը սալարկված էր տափակ քարերով, որի վրա կիտված էին այլ քարեր, ըստ երևույթին ժայռագոտու և երկու մեծ քարերի միջի տարածությունը լցնելու համար։ Գերեզմանը լրացնելու համար հնդիկներին հաջողվել էր ժայռագոտուց պոկել մի մեծ բեկոր, որը դրված էր բոլորից վերև, ծածկելով երկու քարեըը։ Մենք երկու կողմից էլ սկսեցինք փորել գերեզմանը, բայց ոչ մի մնացորդ չգտնվեց նրա մեջ, մինչև անգամ չէր մնացել և ոչ մի ոսկր։ Հավանորեն ամեն ինչ քայքայված է եղել շատ առաջ (այդ ցույց է տալիս, որ այդ գերեզմանը պետք է վերին աստիճանի հին լինի), որովհետև մի այլ տեղում ես գտա մի քանի համեմատաբար փոքր կույտեր, որոնց տակ գտնվեցին փշրված, հազիվ նշմարելի մարդկային մնացորդներ։ Ֆալկոներն ասում է, որ հնդիկը մեռնելիս նույն տեղում էլ նրան թաղում են, բայց հաճախ նրա ոսկրներն զգուշությամբ հավաքում և տանում թաղում են ծովափնյա մի տեղ, որչափ էլ ծովը հեռու լինի։ Իմ կարծիքով՝ այս սովորությունը պետք է վերագրել այն հանգամանքին, որ նախքան ձի ներմուծելն այստեղի հնդիկներն ապրել են գրեթե այն կյանքով, ինչ որ այժմ Հրո Երկրի բնակիչների մոտ ենք տեսնում, ուuտի և պետք է որ ընդհանրապես բնակած լինեն, ծովափերին մոտակա վայրերում։ Այն ընդհանուր նախապաշարումը, որ պետք է թաղվել այնտեղ, որտեղ պապերն են թաղվել, ստիպել է այժմյան թափառող հնդիկներին իրենց մեռածների համեմատաբար ուշ քայքայվող մասերը բերել և թաղել ծովափին գտնվող հին գերեզմանոցում։
 
'''Հունվարի 9, 1834.'''— Նախքան մթնելը «Բիգլ»-ը խարիսխ գցեց Պորտ Սեն Խուլիանի գեղեցիկ և լայն նավակայանում, որը գտնվում է մոտ հարյուր տասը մղոն Պորտ Դեզիրեից հարավ։ Այստեղ մնացինք ութ օր։ Հարթավայրերն այստեղ գրեթե նման են Պորտ Դեզիրեի շրջապատի տարածություններին, բայց հավանորեն ավելի անբերրի են։ Մի օր մի խումբ, կապիտան Ֆից Ռոյի հետ միասին, շրջագայեց նավահանգստի շրջապատը։ Տասնևմեկ ժամ էր, որ մենք ոչ մի կաթիլ ջուր չէինք խմել, և մեր ընկերներից մի քանիսը կատարյալ ուժասպառ էին եղել։ Մի բլրի գագաթից (որն այդ օրվանից սկսած իրավացիորեն կոչվում է Ծարավ Բլուր) նկատվեց մի գեղեցիկ լիճ, և խմբի անգամներից երկուսը գնացին ջրի անուշ կամ աղի լինելն իմանալու. և պայմանական նշանով տեղեկացնելու մեզ։ Ո՜րչափ մեծ էր մեր հիասթափությունը, երբ պարզվեց, որ այդ խորանարդաձև խոշոր բյուրեղներով և ձյան չափ սպիտակ աղով ծածկված տարածություն էր։
 
Մենք մեր ծայր աստիճանի ծարավությունը վերագրում էինք մթնոլորտի չորության. ինչ էլ որ լիներ պատճառը, մենք չափազանց ուրախ էինք, որ ուշ երեկոյան վերադարձանք նավակները։ Թեև մեր այցելության ամբողջ ընթացքում ոչ մի տեղ ոչ մի կաթիլ ջուր չգտնվեց, սակայն պետք է որ մոտակա տեղերում մի տեղ ջուր լիներ, որովհետև ծովածոցի ծայրից ոչ հեռու աղի ջրի մակերեսին պատահականորեն ես գտա մի կոլիմբետա (Colimbetes), կիսամեռ դրությամբ, որը պետք է ապրած լիներ ոչ հեռու գտնվող լճակներից մեկում։ Երեք այլ միջատ (մի Cicindella, նման hybrida-յի, մի Cymindis և մի Harpalus, որոնք բոլորն էլ ապրում են ծովի կողմի հեղեղվող տղմոտ տափարակներում) և մի ուրիշը, որը գտնվեց դաշտում մեռած, լրացնում են բզեզների ցուցակը։ Չափազանց առատ էր մի բավականին մեծ ճանճ (Tabanus) և խիստ նեղում էր մեզ իր տաժանելի կծոցներով։ Սովորական ձիապիծակը, որն այնքան նեղություն չէ տալիս Անգլիայի ստվերոտ նեղ ճանապարհներում, պատկանում է այս սեռին։ Այստեղ մենք կանգնում ենք մի հանելուկային հարցի առաջ, մանավանդ երբ հանդիպում ենք մժղուկների — ի՞նչ կենդանու արյունով են սնվում այս միջատներն ընդհանրապես։ Գրեթե միակ տաքարյուն չորքոտանին գուանակոն է, և նա, այս միջատների բազմության հետ համեմատած, չափազանց փոքր թիվ է կազմում։
 
Պատագոնիայի երկրաբանությունը հետաքրքրական է։ Ի տարբերություն Եվրոպայից, որտեղ երրորդական ֆորմացիաները թվում է թե կուտակված են ծովածոցերում, այստեղ ափի երկայնքով հարյուրավոր մղոններ մենք ունենք մի մեծ նստվածք, որի մեջ գտնվում են բազժաթիվ երրորդական խեցիներ, բոլորն էլ, ըստ երևույթին, անհետացած։ Ամենատարածված խեցին մի մասսիվ վիթխարի ոստրե է, որը երբեմն ունենում է մինչև անգամ մեկ ոտնաչափ տրամագիծ։ Այս շերտերը ծածկված են առանձնահատուկ փափուկ սպիտակ քարից կազմված այլ շերտերով, որոնք պարունակում են շատ գիպս և նման են կավճի, բայց իրապես ունեն պեմզային բնույթ։ Այս ֆորմացիան խիստ նշանակալի է նրանով, որ կազմված է, առնվազն իր զանգվածի մեկ տասերորդ մասով, ինֆուզորիայից։ Պրոֆեսոր Էրենբերգն արդեն հայտնաբերել է նրա մեջ երեսուն օվկիանոսային ձևեր։ Այս շերտն օվկիանոսի երկայնքով տարածվում է մինչև հինգ հարյուր մղոն կամ, հավանորեն, շատ ավելի մեծ հեռավորության վրա։ Պորտ Սեն Խուլիանում նրա հաստությունն անցնում է 800 ոտնաչափից։ Այս սպիտակ շերտերն ամենուրեք ծածկված են մանրախճի զանգվածով՝ կազմելով հավանորեն աշխարհի խճային շերտերից ամենամեծերից մեկը։ Նա անպայման սկսվում է Ռիո Կոլորադոյի մոտից և տարածվում 600-ից մինչև 700 ծովային մղոն դեպի հարավ։ Սանտա Կրուսի մոտ (մի գետ է Սեն Խուլիանից քիչ հարավ) նա հասնում է Կորդիլյերների ստորոտին։ Գետի կեսից սկսած դեպի վեր նրա հաստությունն անցնում է 200 ոտնաչափից. հավանորեն ամեն տեղ նա տարածվում է մինչև այս մեծ լեռնաշղթան, որտեղից առաջացել են պորֆիրի լավ կլորացրած խճերը։ Նրա միջին լայնությունը կարող ենք հաշվել 200 մղոն, իսկ միջին հաստությունը՝ մոտ 50 ոտնաչափ։ Եթե խճերի այս մեծ շերտը, չհաշված նրանց մաշումից առաջացած տիղմը, իրար վրա հավաքվեր թմբի ձևով, նա կկազմեր մի մեծ լեռնաշղթա։ Երբ աչքի առաջ ենք ունենում, որ այս բոլոր խճերը, որոնք անապատի ավազի պես անհաշիվ են, առաջացել են հին ծովափերին և գետափերին գտնվող ապառաժային զանգվածների աստիճանաբար փշրվելուց և ապա մեծ կտորները մանր կտորների վերածվելուց, որոնք այնուհետև դանդաղ գլորվել, կլորացել և փոխադրվել են այսքան հեռու,— ապշում ենք՝ մտածելով այդ երկար և բացարձակորեն անհրաժեշտ ժամանակի տևողության մասին։ Բայց այս խճերն էլ տեղափոխվել և հավանորեն կլորացել են այս սպիտակ շերտերը նստելուց հետո և այդ շերտի տակը գտնվող և երրորդային խեցիներ պարունակող շերտերից շատ ավելի հետո։
 
Այս հարավային կոնտինենտում (մայր ցամաք) ամեն ինչ կատարվել է մեծ մասշտաբներով. Ռիո Պլատայից մինչև Հրո Երկիրն ընկած տարածությունը, մոտ 1200 մղոն, ամբողջությամբ բարձրացել է (և Պատագոնիայում 300-ից 400 ոտնաչափ) այժմ գոյություն ունեցող ծովային խեցիների պերիոդում) հին և հողմնահարված խեցիները, որոնք ընկած են բարձրացած հարթավայրի մակերեսին, դեռ մասամբ պահում են իրենց գույները։ Վեր բարձրանալու պրոցեսն ընդհատվել է առնվազն դադարի ութ երկարատև, պերիոդներով, և այդ ժամանակամիջոցում նորից ծովը խուժել է ցամաքի խորքերը՝ կազմելով տարբեր բարձրության գահավանդների կամ զառիթափների երկար շարքեր, որոնք մեկը մյուսի հետևից աստիճանաձև բարձրանալով, տարբեր հարթավայրերը բաժանում են իրարից։ Բարձրացող շարժումը և ծովի ներս խուժելու ուժը դադարի պերիոդում, ծովափի երկայնքով, հավասար են եղել, որովհետև ես զարմացել էի գտնելով, որ աստիճանաձև բարձրացող հարթավայրերը հեռավոր կետերում կանգնում են գրեթե համապատասխան բարձրությունների վրա։ Ամենացածր հարթավայրի բարձրությունը 90 ոտնաչափ է, իսկ ամենաբարձրը, որ ես բարձրացա ծովափի մոտ, 950 է, և այս հարթավայրի միայն հետքերն են մնացել հարթ բլրի ձևով՝ ծածկված խճով։ Սանտա Կրուսի վերին հարթավայրը հետզհետե բարձրանում է մինչև Կորդիլյերները, որոնց ստորոտին նրա բարձրությունը հասնում է 3000 ոտնաչափի։ Ես ասացի, որ գոյություն ունեցող ծովախեցիների պերիոդում Պատագոնիան բարձրացել է 300-ից 400 ոտնաչափ. կարող եմ ավելացնել և այն, որ երբ սառցասարերը տեղափոխում էին վալունները Սանտա Կրուսի վերին հարթավայրերից, այդ ժամանակաշրջանում նրա բարձրացումն առնվազն եղել է 1500 ոտնաչափ։ Պատագոնիան միայն դեպի վեր շարժումներին չէ որ ենթարկվել է, ըստ պրոֆեսոր Ֆորբսի, Սեն Խուլիանի և Սանտա Կրուսի՝ անհետացած երրորդային խեցիները չէին կարող ապրել 40-ից մինչև 250 ոտնաչափից ավելի խորը ջրերում, բայց այժմ նրանք ծածկված են ծովի հատակին գոյացած 800-ից մինչև 1000 ոտնաչափ հաստություն ունեցող շերտերով։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ ծովի հատակը, որի վրա մի ժամանակ ապրել են այս խեցիները, պետք է մի քանի հարյուր ոտնաչափ ներքև իջած լինի, որպեսզի հնարավոր լիներ վերանիստ շերտերի առաջացումը։ Ինչպիսի՜ երկրաբանական փոփոխությունների պատմություն է բացում Պատագոնիայի պարզ կաոուցվածք ունեցող ծովափը։<ref>Վերջերս ես լսել եմ, որ կապիտան Սելիվանը գտել է բազմաթիվ բրածո ոսկրներ, որոնք թաղված են եղել կանոնավոր շերտերում, Գալեգոս գետի ափերին, 5°24՛ լայնության տակ։ (Ոկրներից մի քանիսը մեծ են, մյուսները փոքր և, ըստ երևույթին, պատկանում են մի զրահակրի։ Այս շատ կարևոր և հետաքրքրական հայտնագործում է։</ref>
 
Պորտ Սեն Խուլիանում, կարմիր տղմի մեջ, որը ծածկում էր խճերը 80 ոտնաչափ բարձրության հարթավայրի վրա, ես գտա Macrauchenia patachonica-յի կմախքի կեսը, մի նշանավոր չորքոտանի, որ ունի ուղտի լրիվ մեծություն։ Այս կենդանին ռնգեղջյուրի, տապիրի և պալեոթերիումի հետ պատկանում է հաստամորթների (Pachydermata) դասին, բայց իր երկար վզի ոսկրների կառուցվածքով նա ցուցաբերում է ուղտի կամ ավելի շուտ գուանակոյի կամ լամայի պարզ նմանություն։ Ելնելով ներկայումս գոյություն ունեցող ծովային խեցիներից, որոնք գտնվել են բարձր սանդղաձև երկու հարթավայրերի վրա, որոնք պետք է կազմված և բարձրացած լինեն նախքան տղմի նստելը, որի մեջ թաղված էր Macrauchenia-ն, պարզվում է, որ այս հետաքրքրական չորքոտանին ապրել է շատ ավելի հետո, քան ծովի ներկա խեցիներով բնակվելը։ Սկզբում ես շատ էի զարմացել, թե ի՛նչպես կարող էր այդպես մի մեծ չորքոտանի, այդքան ուշ, գոյություն ունեցան լինել 49°15՛ լայնության տակ, այս աղքատ բուսականությամբ և խճերով ծածկված հարթավայրի վրա։ Բայց Macrauchenia-յի ազգակցությունը գուանակոյի հետ, որն ապրում է այս հարթավայրի ամենաչոր մասերում, մասամբ բացատրում է այս դժվար հարցը։
 
Մակրաուխենիայի և գուանակոյի, տոքսոդոնի և ջրախոզի միջև եղած ազգակցական կապը, թեև հեռավոր, ինչպես և մոտիկ հարաբերությունները բազմաթիվ անհետացած թերատամների (Edentata) և այժմ ապրող համրուկների, մրջնակերների և զրահակիրների միջև, որոնք այժմ այնքան բնորոշ են հարավ-ամերիկյան կենդանական աշխարհի համար, և վերջապես է՛լ ավելի մոտիկ ազգակցությունը կտենոմիսի (Ctenomys) և ջրային խոզերի (Hydrochaerus) բրածո և այժմ ապրող տեսակների չափազանց հետաքրքրական փաստեր են։ Այս ազգակցությունն սքանչելիորեն ցուցադրված է նույն չափ սքանչելի, որչափ Ավստրալիայի բրածո և անհետացած պարկավոր կենդանիների միջև եղած ազգակցության ցուցադրում է վերջերս Բրազիլիայի քարանձավներից հավաքված և Եվրոպա բերված՝ պարոնայք Լունդի և Կլաուզենի կոլեկցիայի միջոցով։ Այս կոլեկցիայում կոն քարանձավային շրջաններում ապրող ցամաքային բոլոր չորքոտանիների երեսուներկու սեռերի բացառությամբ չորսի, անհետացած տեսակները և անհետացած տեսակները շատ ավելի բազմաթիվ են, քան այժմս ապրողները։ Նրանց մեջ կան բրածո մրջնակերներ, զրահակիրներ, տապիրներ, պեկարներ, գուանակոներ, պարկամկներ, և բազմաթիվ հարավ-ամերիկյան կրծողներ, կապիկներ և այլ կենդանիներ։ Այս զարմանալի ազգակցությունը մեռածի և ապրողի մեջ, միևնույն ցամաքամասում, անկասկած հետագայում ավելի շատ լույս է սփռելու մեր երկրի մակերեսին օրգանական էակների երևալու, ինչպես և անհետանալու վրա, քան որևէ այլ կարգի փաստ։
 
Չի կարելի առանց խորը զարմանքի մտածել ամերիկյան մայր ցամաքի փոփոխվող վիճակի մասին։ Առաջ այնտեղ խռնված են եղել մեծ հրեշային կենդանիներ, իսկ այժմ ենք այնտեղ գտնում ենք համեմատած իրենց նախընթաց ազգակից ցեղերի հետ, միայն թզուկներ։ Եթե Բյուֆոնը ծանոթ լիներ հսկա համրուկներին, զրահակիրանման կենդանիներին և անհետացած հաստամորթներին (Pachydemiata), նա հավանորեն չէր ասի, որ արարչական ուժը երբեք մեծ զորություն չի ունեցել, այլ կասեր, մեծ հիմնավորումով, որ նա Ամերիկայում կորցրել էր իր ուժը։ Այս անհետացած չորքոտանիների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ապրել են վերջին ժամանակաշրջաններից մեկի ընթացքում և ժամանակակից են եղել այժմ գոյություն ունեցող ծովային խեցիների մեծ մասին։ Նրանց ապրելու ժամանակաշրջանում ցամաքի ձևի մեջ մեծ փոփոխություններ տեղի ունեցած չեն կարող լինել։ Ուրեմն ի՞նչը կարող էր բոլորովին ոչնչացնել այդքան շատ տեսակներ և ամբողջ սեռեր։ Մարդու միտքն սկզբում անդիմադրելիորեն շտապում է հավատալու, որ տեղի են ունեցել որոշ մեծ կատաստրոֆիներ. բայց որպեսզի ոչնչանան հարավային Պատագոնիայից Բրազիլիայի, Պերուի, Կորդիլյերների, ամբողջ Հյուսիսային Ամերիկայի (մինչև Բերինգյան նեղուցը) կենդանիները, մեծ կամ փոքր, դրա համար անհրաժեշտ է ցնցել երկրի ամբողջ սիստեմը։ Բացի այդ, Լա Պլատայի և Պատագոնիայի երկրաբանության ուսումնասիրությունը մեզ այն համոզման է բերում, որ ցամաքի մակերեսի բոլոր ձևերն արդյունք են դանդաղ և աստիճանական փոփոխության։ Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բրածոների բնույթից ելնելով՝ կարելի է ասել, որ այն պայմանները, որոնք նպաստավոր են խոշոր չորքոտանիների կյանքի համար, համատարած կերպով գոյություն են ունեցել աշխարհում նրանց վերջանալուց հետո էլ. թե ինչ պայմաններ են եղել անհետացման համար, ոչ ոք դեռ մինչև անգամ չի ենթադրել։ Հազիվ թե այդ ջերմաստիճանի փոփոխություն լիներ, որը գրեթե միևնույն ժամանակում ոչնչացներ արևադարձային, բարեխառն և սառուցյալ գոտիների բնակիչներին, երկրագնդի երկու կողմերում էլ։ Հյուսիսային Ամերիկայում մենք դրականապես գիտենք մր. Լայելից, որ մեծ չորքոտանիներն ապրել են այն ժամանակաշրջանից հետո, երբ վալունները բերվել են մինչև այն լայնությունները, որոնք հեռու են այժմվա սառցադաշտերի սահմաններից։ Համոզեցուցիչ անուղղակի պատճառներից կարող ենք վստահ ենթադրել, որ հարավային կիսագնդում մակրաուխենիան ևս ապրել է սառցադաշտերի փոխադրած վալունների ժամանակաշրջանից շատ հետո։ Արդյո՞ք մարդը չի ոչնչացրել ծանրաշարժ մեդաթերիումին, ինչպես և մյուս թերատամներին (Edentata), ինչպես ասում են՝ երբ առաջին անգամ արշավել է Հարավային Ամերիկա։ Համենայն դեպս Բահիա Բլանկայի փոքրիկ տուկու-տուկոյի և Բրազիլիայում մեր հանդիպած բազմաթիվ բրածո մկների և այլ փոքրիկ չորքոտանիների ոչնչացման պատճառներն այլ տեղ պետք է փնտրել։ Ոչ ոք չի կարող երևակայել, որ մի երաշտ, մինչև անգամ շատ ավելի խիստ, քան այն երաշտները, որոնք այդպիսի ավերմունքներ էին առաջացնում Լա Պլատա գավառում, կարող էր ոչնչացնել հարավային Պատագոնիայից մինչև Բերինգյան նեղուցն ընկած տարածության վրա գտնվող այդ տեսակների բոլոր անհատ անդամներին։ Իսկ ի՞նչ պիտի ասենք ձիու անհետացման մասին։ Արդյոք այդ հարթավայրերի արոտը չէ՞ր բավարարում նրան, հարթավայրեր, որոնք հետագայում հեղեղվել են սպանացիների ներմուծած ձիերի սերունդի կողմից հազարներով և հարյուր հազարներով։ Միթե հետագայում ներմուծված տեսակներն սպառե՞լ են նախընթաց վիթխարի ցեղերի սնունդը։ Կարո՞ղ ենք հավատալ, որ ջրախոզը խլել է տոքսոդոնի սնունդը, զուանակոն՝ մակրաուխենիայինը, գոյություն ունեցող փոքրիկ թերատամները (Edentata)՝ իրենց բազմաթիվ հսկա նախատիպերինը։ Իսկապես, աշխարհի երկար պատմության մեջ ոչ մի փաստ այնքան ապշեցուցիչ չէ, որքան նրա բնակիչների համատարած և կրկնվող բնաջնջումները։
 
Այնուամենայնիվ, եթե խնդրին նայենք այլ տեսակետով, ապա այդ այնքան հանելուկային չի լինի։ Մենք միշտ նկատի չենք ունենում, թե որչափ խորը մենք անգիտակ ենք յուրաքանչյուր կենդանու գոյության պայմաններին, և ոչ էլ միշտ հիշում ենք, որ որոշ խոչընդոտներ անընդհատ արգելակում են բնական վիճակում թողնված յուրաքանչյուր կազմակերպված էակի արագ բազմացումը։ Սննդի պաշարը, միջին հաշվով, մնում է կայուն, մինչդեռ յուրաքանչյուր կենդանու՝ բազմացման միջոցով շատանալու ձգտումը երկրաչափական է, և նրա զարմանալի հետևանքները ոչ մի տեղ այնքան ապշեցուցիչ չեն, որքան վերջին դարերում Եվրոպայից Ամերիկա տարած և վայրենացած մի քանի կենդանիների՝ բազմացումն է։ Բնական վիճակում թողնված յուրաքանչյուր կենդանի կանոնավորապես աճում է. բայց երկար ժամանակում գոյություն ունեցող տեսակի համար թվական մեծ աճ ակներևաբար անկարելի է և պետք է որ արգելակվի որոշ միջոցներով։ Այնուամենայնիվ մենք հազիվ թե ի վիճակի ենք ճիշտ կերպով ասելու տվյալ տեսակի համար, թե կյանքի որ շրջանին կամ տարվա որ շրջանին է ընկնում այդ արգելքը. գուցե և նա երկար ընդմիջումներից հետո է երևան գալիս, իսկ ի՞նչ է այդ արգելքի ճշգրիտ բնույթը։ Հավանորեն այդ է պատճառը, որ շատ քիչ զարմանք ենք զգում, երբ տեսնում ենք սովորություններով իրար խիստ մոտիկ երկու տեսակներ, որոնցից մեկը չափազանց սակավ է լինում միևնույն շրջանում, իսկ մյուսը՝ առատ, կամ թե չէ ինչու մեկը պետք է առատ լիներ մի շրջանում, իսկ մի ուրիշը, որը բնության տնտեսության մեջ միևնույն տեղն է գրավում, առատ՝ մի այլ հարևան շրջանում, որն իր պայմաններով առաջինից քիչ է տարբերվում։ Եթե հարցնեն, թե ի՛նչպես է, որ այդ այդպես է, մենք կպատասխանենք, որ այդ կարելի է բացատրել կլիմայի, սննդի քանակի կամ թշնամիների թվի չնչին տարբերություններով, բայց գրեթե երբեք չենք կարող նշել այդ արգելքների իսկական պատճառները և ներգործելու եղանակները։ Այսպիսով մենք հանգում ենք այն եզրակացության, որ այդ պատճառները, որոնք սովորաբար մեզ համար բոլորովին անըմբռնելի են, որոշում են տվյալ տեսակի առատ կամ սակավ լինելը։
 
Այն դեպքերում, երբ գտնում ենք մի տեսակի անհետացման հետքերը մարդու միջոցով՝ ամբողջովին կամ միայն որոշ շրջաններում, գիտենք, որ նա հետզհետե նվազում է և վերջիվերջո ոչնչանում, դժվար կլիներ ցույց տալ, թե ի՛նչ ճշգրիտ<ref>Նայել այս նյութի վերաբերյալ մր. Լայելի հրաշալի դիտողությունները „Principles of Geology” աշխատության մեջ։</ref> տարբերություն գոյություն ունի մի որևէ տեսակի՝ իր բնական թշնամիների աճման և մարդու միջոցով ոչնչանալու մեջ։ Անհետացումից առաջ մի տեսակի սակավության նշաններն ավելի շատ աչքի են զարնում երրորդական հաջորդական շերտերում, ինչպես այն նկատել են մի քանի կարող դիտողներ. հաճախ պարզվում է, որ երրորդային շերտերում շատ տարածված խեցին այժմ շատ սակավ է պատահում և մինչև անգամ երկար ժամանակ այն համարվել է անհետացած։ Ուրեմն, եթե յուրաքանչյուր տեսակ նախ սակավանում է թվով, ապա անհետանում, որը հավանական է թվում, եթե յուրաքանչյուր տեսակի չափազանց արագ բազմացումը, մինչև անգամ այնպիսիների համար, որոնք ամենանպաստավոր պայմաններումն են, միշտ արգելակվում է, ինչպես այդ պետք է ընդունենք, թեև դժվարանում ենք ասել, թե ինչպես է կատարվում այդ և ե՛րբ, և եթե առանց ամենափոքր զարմանքի մենք տեսնում ենք, թեև անկարող ենք տալ ճշգրիտ պատճառը, թե ինչո՛ւ միևնույն շրջանում երկու իրար խիստ մոտիկ տեսակներից մեկն առատ է, իսկ մյուսը՝ սակավ, էլ ինչո՞ւ պիտի զարմանանք, որ հազվադեպությունն անհետացումից մի քայլ առաջ է։ Մի երևույթ տեղի ունենալով մեր շրջապատում և լինելով գրեթե աննկատելի, կարող է մի քայլ էլ առաջացնել, առանց մեր դիտողությանն արժանանալու։ Ո՞վ կզարմանար, եթե լսեր, որ մեգալոնիքսն առաջ ավելի սակավ է եղել մեգաթերիումի հետ համեմատած, կամ թե չէ բրածո կապիկներից մեկը թվով ավելի քիչ է եղել, քան այժմ ապրող որևէ մի կապիկ. մինչդեռ այս բաղդատական հազվադեպության մեջ պարզ երևում են նրանց գոյության նվազ նպաստավոր պայմանները։ Ընդունել, որ սովորաբար տեսակները հազվադեպ են դառնում անհետացումից առաջ, չզարմանալ մի տեսակի նկատմամբ մի այլ տեսակի հազվադեպ լինելու վրա և միաժամանակ օգնության կանչել մի գերբնական գործոն և մեծապես զարմանալ, երբ տեսակը դադարում է գոյություն ունենալուց,— ինձ համար այնքան բնական է, որքան ընդունել, որ հիվանդանալն անհատի կյանքում մահվան նախերգանքն է — չզարմանալ հիվանդության վրա, բայց երբ հիվանդը մեռնում զարմանալ, և հավատալ, որ նա մեռավ բռնությամբ։
Վստահելի
1396
edits