Իսկ եթե մարդկանցից մեկը իր գլուխը մի բան է մտցնում, այլևս այնտեղից դուրս բերելու հնար չկա։ Ես դա գիտեի, այնպես որ խնայեցի շունչս և չփորձեցի բացատրություններ տալ։ Հենց որ սըր Սագրամորը ապաքինվեց, նա հայտարարեց, որ մենք մի փոքր հաշիվ ունենք հարթելիք։ Նշանակեց օրը՝ երեք թե չորս տարի հետո, և տեղը՝ ճիշտ այն վայրը, որտեղ վիրավորանքը հասցվել էր։ Ես ասացի, որ մինչ նա վերադառնա, ես պատրաստ կլինեմ։ Բանը այն է, որ նա մեկնում էր փնտրելու սուրբ Գրաալը։<ref>Ըստ անգլիական ավանդավեպերի «սուրբ Գրաալը» Քրիստոսի արյունով լեցուն մի գավաթ է, բարոյական կատարելության խորհրդանիշ։ Միջնադարյան ասպետները պարբերաբար «սուրբ Գրաալի որոնումների էին դուրս գալիս։</ref> Բոլոր մեր տղաները ժամանակ առ ժամանակ չվում էին սուրբ Գրաալի կողմերը։ Այդ ճանապարհորդությունը մի քանի տարի էր տևում, և նրանք ամենաբարեխիղճ կերպով թափառում էին երկրից երկիր, թեպետ ոչ մեկը ոչ մի գաղափար չուներ սուրբ Գրաալի գտնվելիք վայրի մասին և, իմ կարծիքով, հազիվ էլ հոգու խորքում հուսալիս լիներ, թե կգտնի այդ, և, եթե նույնիսկ պատահմամբ էլ հանդիպեր, չէր իմանա, թե ինչ աներ այդ սուրբ Գրաալ կոչվածը։ Գիտե՞ք, դա մեր Հյուսիս֊Արեևմտյան Անցուղու<ref>Նկատի ունի իտալո֊անգլիական ծովագնացների փորձերը՝ Ամերիկայի հյուսիսային ափերով դեպի Հնդկաստան ճանապարհ գտնելու համար։</ref> որոնումների նման մի բան էր, և ուրիշ ոչինչ։ Ամեն տարի սուրբգրաալյան արշավախմբեր էին մեկնում, իսկ հաջորդ տարին նոր արշավախմբեր էին ճանապարհ ընկնում, նախորդ տարվանը որոնելու համար։ Այդ արշավների ժամանակ կարելի էր փառք վաստակել, բայց ոչ երբեք փող։ Եվ դեռ ուզում էին ինձ էլ քարշ տալ։ Ես միայն ծիծաղում էի։
==Գլուխ X==
Քաղաքակրթության ծիլերը
Կլոր սեղանը շուտով լսեց մարտահրավերի մասին և, իհարկե, այդ գործը մի կուշտ քննարկեց, քանի որ նման բաները շատ էին հետաքրքրում մեր տղաներին։ Թագավորը գտնում էր, որ ես հիմա պարտավոր էի արկածների մեկնելու, որպեսզի փառք վաստակեի և մի քանի տարի հետո արժանի լինեի չափվելու սըր Սագրամորի հետ։ Ես ներողություն խնդրեցի և ասացի, որ մի երեք֊չորս տարի է պահանջվում գործերը կարգի բերելու և ընթացքի մեջ դնելու համար, որից հետո ես պատրաստ կլինեմ։ Իմ կարծիքով այդ ժամկետի վերջում սըր Սագրամորը դեռ Գրաալի ետևից քարշ գալիս կլիներ, այնպես որ ես լիուլի կհասցների փառք վաստակել առանց թանկարժեք ժամանակը վատնելու, քանի որ պաշտոնս գրավելուց հետո անցած կլիներ արդեն մի վեց֊յոթ տարի, մինչ այդ պետական մեքենան, համոզված էի, այնքան լավ կաշխատեր, որ ես կկարողանայի արձակուրդ վերցնել առանց գործին վնաս հասցնելու։
Ես լիովին բավարարված էի այն ամենով, ինչ ինձ արդեն հաջողվել էր իրագործել։ Երկրի տարբեր հանդարտ անկյուններում ու խորշերում ես անաղմուկ հաջողացրել էի արդյունաբերության զանազան ճյուղերի սկիզբը դնել, դրանք իմ ապագա քաղաքակրթության՝ պողպատի և երկաթի խոշոր գործարանների սաղմերն էին։ Այդտեղ ես հավաքագրում էի ամենաընդունակ երիտասարդներին, և իմ գործակալները թափառում էին երկրով մեկ, նորանոր թեկնածուներ որոնելով։ Բազմաքանակ տգետ մարդկանց ես մասնագետներ դարձրի, զանազան արհեստների ու գիտությունների գիտակներ։ Երկրի խորշերում բույն դրած այդ տնկարաններում գործը առաջ էր գնում հանգիստ, հարթ և անխոչընդոտ, քանի որ ոչ ոք իրավունք չուներ առանց թույլտվության այնտեղ թափանցելու։ Ես բոլորից ավելի վախենում էի եկեղեցուց։
Ամենից առաջ ես հիմնեցի ուսուցչական ինստիտուտ և բավականին թվով կիրակնօրյա դպրոցներ։ Արդյունքը եղավ այն, որ այդ գաղտնի տեղերում ստեղծվեց ժողովրդական կրթության մի սքանչելի միասնական սիստեմ, ինչպես նաև ծաղկող և ընդարձակվող բողոքական միաբանությունների ամբողջ ցանց։ Յուրաքանչյուրին հնարավորություն էր տրվում իր համար ընտրելու ցանկացած քրսիտոնեական ճյուղը․ հավատի հարցում լրիվ ազատություն էր սահմանվել։ Սակայն ես ներփակեցի կրոնի ուսուցումը եկեղեցիներից և կիրակնօրյա դպրոցներից ներս, արգելելով նման բաները իմ մյուս կրթական հաստատություններում։ Ես, իհարկե, կարող էի արտոնյալ վիճակ ստեղծել իմ սեփական աղանդի համար և առանց դժվարության բոլորին պրեսվիտերականություն ընդունել տալ, բայց դա կնշանակեր բռնություն կատարել մարդկային բնության նկատմամբ։ Մարդկանց հոգևոր պահանջները ու հակումները այնքան զանազան են, որքան նրանց մարմնական պահանջները, մաշկի գույնը, դիմագծերը, և մարդս իրեն բարոյապես լավ է զգում միայն այն ժամանակ, երբ կրում է գույնով, ձևով ու բանականությամբ իր հոգեկան կազմվածքին ամենից լավ համապատասխանող կրոնի հագուստները։ Բացի այդ, ես վախենում էի միասնական եկեղեցի ստեղծել, այդպիսի եկեղեցին հզոր իշխանություն է, մյուս բոլոր իշխանություններից ավելի ուժեղ․ սովորաբար եկեղեցական իշխանությունը իրենց բռի մեջ են հավքում շահախնդիր մարդիկ և նման իշխանությունը աստիճանաբար սպանում է մարդկային ազատությունն ու անդամալուծում մարդկային միտքը։
Բոլոր հանքերը թագավորական սեփականությունն էին համարվում և դրանց թիվը շատ էր։ Ինձնից առաջ դրանք մշակվում էին այնպես, ինչպես վայրենիները կարող էին անել՝ գետնի մեջ փոս էին փորում և այնտեղից ձեռքով հանքանյութ հանում պարկերի մեջ, օրեկան մեկական տոննա․ ես, իհարկե, անմիջապես աշխատեցի, որպեսզի հանքերի մշակման գործը փութով դնեմ գիտական հիմքերի վրա։
Այո, բավականին շատ էի առաջադիմել, երբ Սըր Սագրամոնը մարտահրավեր նետեց ինձ։
Անցել էր ընդամենը չորս տարի, իսկ որքա՜ն գործ էր արվել։ Դուք նույնիսկ երևակայել չեք կարող։ Անսահմանափակ իշխանությունը ամենաիդեալական բանն է, եթե, իհարկե, գտնվում է վստահելի ձեռքերում։ Երկնային բռնապետությունը կառավարման ամենալավ եղանակն է։ Երկրային բռնապետությունն էլ կառավարման ամենալավ եղանակը կարող էր լինել, եթե պայմանները նույնը լինեին, այսինքն, եթե բռնապետը աշխարհիս ամենալավ մարդը լիներ և եթե նրա կյանքը հավիտյան շարունակվեր։ Բայց քանի որ նույնիսկ ամենակարող մարդը մահկանացու է և թողնելու է իր իշխանությունը բնավ էլ ոչ կատարյալ մարդու, երկրային բռնապետությունը պարզապես կառավարման վատ ձև չէ, այն հնարավոր ձևերից ամենավատն է։
Իմ գործերով ես ցույց տվեցի, թե ինչի կարող է հասնել բռնապետը, երբ իր տրամադրության տակ են թագավորության բոլոր միջոցները։ Խավարի մեջ խարխափող այդ երկիրը նույնիսկ չէր էլ կասկածում, որ ես հենց իր քթի տակ տնկել էի տասնիններորդ դարի քաղաքակրթությունը։ Այդ քաղաքակրթությունը թաքցված էր ամբոխի հայացքից, բայց գոյություն ուներ, դա վիթխարի և անհերքելի փաստ էր, և դրա մասին դեռ կլսեն, եթե միայն ես չմեռնեմ և բախտը երես չթեքի ինձնից։ Այդ քաղաքակրթությունը գոյություն ուներ նույնքան անկասկած և նույնքան թաքնված, ինչպես լռիկ հրաբուխը, որը անմեղ կանգնած է մարած ծխամորճը կապուտակ ամպերի մեջ բռնած և ոչ մի նշանով ցույց չի տալիս, թե իր ընդերքում արդեն դժոխքն է փոթորկվում։ Չորս տարի առաջ իմ դպրոցներն ու եկեղեցիները դեռ մանկիկներ էին, այժմ աճել, առնականացել էին։ Իմ նախկին արհեստանոցները այժմ ընդարձակ գործարաններ էին դարձել, որտեղ մեկ տասնյակ վարժված մարդկանց փոխարեն այժմ հազարը ունեի, որտեղ ոչ մի փայլուն մասնագետ չկար, այժմ հիսունը ունեի։ Ձեռքս պահում էի, այսպես ասած, կոճակի վրա և ամեն պահի կարող էի խավար աշխարհը լուսավորել լույսի հեղեղով։ Բայց ես բնավ էլ չէի ուզում լույսը միացնել այդպես հանկարծակի։ Հանկարծակիությունը խորթ էր իմ քաղաքականությանը։ Ժողովուրդը չ էր հանդուրժի հանկարծակիությունը, իսկ տիրապետող հռոմեական֊կաթոլիկ եկեղեցին անմիջապես հարձակման կանցներ։
Ոչ, ես զգույշ էի գործում։ Ամբողջ երկրով մեկ ուղարկում էի իմ վստահելի գործակալներին, որոնց հանձնարարված էր աննկատելի կերպով կամաց֊կամաց փորել ասպետության հիմքերը և աստիճանաբար խարխլել մերթ այս, մերթ մյուս սնահավատությունը, այդպիսով երկիրը քայլ առ քայլ նախապատրաստել իրերի նոր վիճակի համար։ Մի խոսքով, ես իմ լույսը առժամանակ վառում էի մոմի հզորությամբ և մտադիր էի աստիճանաբար ուժեղացնել այն։
Ես գաղտնի կերպով ճյուղային դպրոցներ էի ցրել այս ու այն կողմ, և դրանք հիանալի աշխատում էին։ Ես մտադիր էի այդ գործը առավել ընդարձակել, եթե ոչինչ ինձ չխրտնեցներ։ Իմ ամենագաղտնի ձեռնարկներից մեկը Վեստ Փոյինթն էր՝ իմ ռազմական ակադեմիան։ Ես դա ամենից խնամքով էի մարդկանց աչքից գաղտնի պահում, նույն բանը անում էի իմ ծովային ակադեմիայի նկատմամբ, որը հիմնել էի մի հեռավոր նավահանգստում։ Երկուսն էլ ծաղկում էին ապրում ի գոհություն ինձ։
Քլարենսի քսաներկու տարին լրացել էր, և նա այժմ իմ գլխավոր գործակատարն էր, իմ աջ ձեռքը։ Նա սքանչելի տղա էր, ամեն ինչ նրա ձեռքից գալիս էր, ամեն ինչից գլուխ էր հանում։ Ավելի ուշ ես նրան լրագրության գործը սովորեցրի, որովհետև ինձ թվում էր, թե արդեն ժամանակն է լրագրով զբաղվելու։ Ես ուզում էի սկսել ոչ թե մեծ լրագրից, այլ փոքրի շաբաթաթերթիկից, որը ուզում էի փորձի համար շրջանառության մեջ դնել քաղաքակրթության իմ տնկարաններում։ Այդ գործում Քլարենսը իրեն հիանալի էր զգում, նրա ներսում, անկասկած, մի իսկական խմբագիր էր նստած։ Նա ասես երկատվել էր, խոսում էր վեցերորդ դարի և գրում՝ տասնիններորդ դարի լեզվով։ Նրա լրագրային ոճը համառորեն առնականանում էր, զարգանում։ Նա արդեն հասել էր Ալաբամա նահանգի գավառային քաղաքների լրագրերի մակարդակին և նրա խմբագրականները ո՛չ իրենց խորքով, ո՛չ էլ ոճով չէին զիջում այնտեղի լրագրերին։
Մեր ձեռքում կար նաև մի ուրիշ խոշոր գործ՝ հեռախոսը և հեռագիրը։ Այդ մարզում էլ արդեն որոշակի նվաճումներ ունեինք։ Մեր առաջին գծերը միայն մեզ համար էին և առժամանակով մենք դրանք գաղտնի էինք պահում։ Այդ աշխատանքները կատարում էր բանվորների մի հատուկ խումբ, որը գիշերներն էր գործում։ Լարերը գետնի միջով էինք քաշում, սյուներ չէինք տնկում, վախենալով ավելորդ ուշադրություն գրավելուց։ Ստորգետնյա լարերը աննկատելի էին և աշխատում էին գերազանց, քանի որ ծածկվում էին իմ հայտնագործած մեկուսիչով, որը մի հիանալի բան էր ստացվել։ Իմ բանվորներին հրամայված էր խուսափել ճանապարհներից, լարերը քաշել ուղիղ գծով, կապ հաստատել բոլոր կարևոր քաղաքների միջև, հայտնաբերելով դրանք ըստ լույսերի, և ամենուրեք թողնել հսկիչ մասնագետների։ Ոչ ոք չէր կարող ասել, թե ինչպես գտնել թագավորության այս կամ այն վայրը, որովհետև ոչ ոք երբեք նախապես մտածված մտադրությամբ որևէ տեղ չէր գնում, պարզապես թափառումների ժամանակ պատահմամբ գալիս էին մի վայր, և մեկնում էին, առանց հարցնելու, թե որտեղ են եղել իրենք։ Մի երկու անգամ մենք տեղաչափական արշավախմբեր ուղարկեցինք թագավորության քարտեզը ստեղծելու համար, բայց միշտ էլ տերտերները միջամտում էին և աղմուկ բարձրացնում։ Այնպես որ որոշեցինք առժամանակով հետաձգել այդ բանը, անխելքություն կլիներ եկեղեցին մեր դեմ հանելը։
Ինչ վերաբերում է երկրի ընդհանուր վիճակին, ապա դա նույն դրության մեջ էր, ինչ իմ հայտնվելու ժամանակ։ Ես որոշ փոփոխություններ արեցի, բայց դրանք անհրաժեշտաբար մանր էին և քիչ նկատելի։ Ես դեռ նույնիսկ ձեռք չէի տվել հարկերին, բացի այն հարկերից, որոնք անմիջապես մտնում էին թագավորի գանձատունը։ Կարգի բերեցի դրանք և դրեցի գործնական ու արդարացի հիմքի վրա։ Արդյունքը եղավ այն, որ եկամուտները համարյա քառապատկվեցին, բայց քանի որ ծանրությունը այժմ արդարացիորեն բաշխված էր ավելի հավասարաչափ, ամբողջ թագավորությունը թեթևություն զգաց և ամենուրեք իմ կառավարչությունը գովաբանվում էր սրտանց։
Այժմ անձնապես ես էի ուզում արձակուրդ վերցնել, քանի որ ավելի լավ ժամանակ հազիվ թե պատահեր։ Ավելի վաղ ես մեկնել չէի կարող, որովհետև անհանգիստ կլինեի, բայց այժմ ամեն ինչ վստահելի ձեռքերի մեջ էր և սահուն էր լողում։ Վերջերս, թագավորը մի քանի անգամ ինձ հիշեցրել էր, թե չորս տարի առաջ խնդրածս հետաձգումը այժմ արդեն իր լրումին է հասել։ Դա անսքող ակնարկ էր այն մասին, որ ես պետք է արկածներ փնտրելու մեկնեմ և այնքան փառք վաստակեմ, որպեսզի արժանի լինեմ զենք խաղացնելու սըր Սագրամորի հետ, որը դեռ գրաալություն էր անում, բայց նրա ետևից արդեն մի քանի փրկարար արշավախմբեր էին ուղարկվել և, ըստ երևույթին, եթե ոչ այս, ապա մյուս տարի նրան կգտնեին։ Ինչպես տեսնում եք, լիովին նախապատրաստված էի արձակուրդ գնալու և թույլ չտվեցի, որպեսզի ինձ հանկարծակիի բերեին։