««Մութաքա» հասարակաց տունը»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
(Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = «Մութաքա» հասարակաց տունը |հեղինակ =Ռեւազ Միշվելաձե |թարգմանիչ = |աղբյուր = [[...) |
|||
Տող 2. | Տող 2. | ||
|վերնագիր = «Մութաքա» հասարակաց տունը | |վերնագիր = «Մութաքա» հասարակաց տունը | ||
|հեղինակ =[[Ռեւազ Միշվելաձե]] | |հեղինակ =[[Ռեւազ Միշվելաձե]] | ||
− | |թարգմանիչ = | + | |թարգմանիչ = Հրաչյա Բայրամյան |
|աղբյուր = [[«Գյուղի մադոննան»]] | |աղբյուր = [[«Գյուղի մադոննան»]] | ||
}} | }} |
18:16, 11 Ապրիլի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Ռեւազ Միշվելաձե |
- Հանգուցյալ Լաշա Շիրաքաձեն մի ժառանգ ուներ՝ Կախան։ Կախա որ ասում են, իմ ձեռքերում ա մեծացել։
- Նրանց ընտանիքին մոտիկ էի։ Լաշային հրողբոր տղա էի գալիս եւ մոտ տասը տարի իրա մոտ շոֆեր էի աշխատում։
- Լաշայի նման տղամարդ մարդ, ախպերս որ դու ես, և ազնիվ ծնունդ մարդու հազվադեպ եմ հանդիպել, էնպես որ խոսելն արդեն ավելնորդ ա։
- Ամբողջ Քութայիսը սգում էր, եթե հիշում ես։ Որտեղից ասես՝ չէին եկել մարդիկ։ Երեք հերթ քելեխի նստեցին, ամեն անգամ հինգ հարյուր մարդու համար սեղան բացինք, բայց, ախպորս ասեմ, բոլորին չէ, որ կարեցանք նստացնել։
- Լաշան թեեւ չկար այլես, բայց նրա ընտանիքին, իհարկե, անգամ մի օր աչքաթող չեմ արել։
- Ոչ մի խոսակցություն չի եղել իմ ու տիկին Մանանայի միջեւ։
- Մանանան խելացի կնիկ ա եւ գիտի, որ ես լավ տեղյակ եմ ողորմածիկի բոլոր գործերին, ասենք՝ որտեղ ինչ օբյեկտ ուներ, ինչից ինչ մաս էր իրեն հասնում, ով էր իրեն պարտք... Մի խոսքով՝ եթե կնկան չասեր էլ երբեմն, այնքա՜ն բան գիտեի։ Դե, էդքանից հետո ինձնից ավելի հավատարիմ ո՞վ կծառայեր Շիրաքաձեներին։
- Ասեմ քեզ, որ կարող էի, իհարկե, մի բան փախցնել, մի բան շահել, բայց նախ՝ Լաշայի հիշատակին չէր սազի դա, երկրորդն էլ՝ ախպորս ասեմ, նման շանորդությունը հեռու ա իմ էությունից։
- Ուզում ես, հավատա, ուզում ես՝ չէ։
- Ամսական երկու հարյուր լարի էր տալիս տիկին Մանանան, ես էլ միս-մենակ մարդ, հերիքում էր, ախպեր։
- Կախան ինը տարեկան էր, երբ հերը մեռավ։
- Ձեռքերիս մեջ էր, բայց իսկի չնկատեցի, թե երբ մազ-մորուքով տղամարդ դարձավ։
- Հանգիստ տղա էր։ Լավ էլ սովորում էր։ Խաղաղ, անաղմուկ ապրում էր իր համար։
- Ասող-խոսողներից չէր։ Երբեմն մերը բարեկամների մոտ էր տանում, ճամփին ասա գոնե մի հարց տալի՞ս էր։
- Գիտես, չէ՞, էդ կաթնակերներն ամեն ինչով հետաքրքրվում են։ Ականջները սրում են, հատկապես եթե կնանոնց մասին խոսք ես գցում։
- Կախան ուրիշ տղա էր։
- Մի անգամ հարցրի՝ ո՞նց աղջիկներ են քո դասարանում։
- Կարճ կտրեց, «էնպե՜ս, էլի...»։
- Դրանով ինձ հասկացրեց, որ չի սիրում նման թեմաներով խոսել, չկարծեմ՝ հլա դեռ փոքր ա, ու չսկսեմ ղատախոսությամբ դաս տամ-լուսավորեմ իրան։
- Սիրուն, բոյ-բուսաթով, ինտիլիգենտի տեսքով տղա դարձավ։
- Համարյա իրեն քաշված մարդու տպավորություն էր թողնում։
- Փողոցի, քեֆերի, արկածալի դեպքերի սիրահար չէր։ Ընկերներ էլ քիչ ուներ։
- Դպրոցից կգար ու ժամերով կնստեր կոմպյուտերի առաջ։
- Դպրոց տուն, տուն դպրոց, էսքանն էր նրա աշխարհն ու սահմանը։
- Մի խոսքով՝ երանի որ տալիս են, ծնողներին որ պրոբլեմների առաջ չեն կանգնացնում, էդպիսի տղա էր։
- Միջնակարգը հինգերով ավարտեց, ու առանց քննությունների համալսարան ընդունեցին, կիբեռնետիկական։
- Ինքն ընտրեց մասնագիտությունը։ Դպրոցից էդ գործով էր հետաքրքրվում։ Ոչ մեկի խորհուրդ-խրատի կարիքը չուներ։ :Ուսանողական շրջանն էլ էդպես շարունակեց, լեկցիաները վերջանալուց կես ժամ անց տանն էր։
- Մի անգամ հարցրի՝ խումբդ ո՞նց ընդունեց քեզ, թե «էնպե՛ս, էլի...»։
- Երբ փոխադրվեց երկրորդ կուրս, հիշում եմ, հունիսը վերջանում էր, տիկին Մանանան ինձ կանչեց և կեսթաքուն ասեց՝ Շալվա, դու ինձ համար ախպոր տեղ ես, դրա համար քեզ պիտի ասեմ, քեզանից բացի՝ ուրիշի չեմ կարա վստահեմ։ Լավ տղա է Կախան, համա ինչ-որ շա՛տ է քաշված պահում իրեն։ Փակվել է երեխեն։ Հերը որ գլխին կանգնած ըլներ, ավելի համարձակ, ավելի ազատ կզգար, բայց դե ես կնիկարմատ եմ, իսկ մոր հետ, գիտես, էլի, չափահաս տղերքը չեն բացում սրտները։ Ես կարծում եմ՝ նա մինչեւ հիմի կնկա հետ չի եղել, առ քեզ հարյուր լարի եւ գտի էնպիսի կնիկ («ադնառազըվի» են ասում դրանց), որ երեխին տղամարդ օծանի։
- Կներես, որ էսպես ազատ եմ խոսում քեզ հետ։ Վախենամ՝ չափից դուրս քաշվի իր մեջ. ինչ էլ չըլնի, տղա երեխա է, իսկ սրա տարիքի տղերքը, ինձանից հազար անգամ լավ գիտես, հազար շառ ու փորձանք են բերում իրանց գլխին։ Երկար ժամանակ վարանմունքի մեջ էի՝ ասեմ, թե չասեմ, ախր հեշտ գործ չեմ խնդրում, բայց, հետո վայ թե ուշ ըլնի...
- Աղջիկ գտնելուց էլ հեշտ բա՞ն, ասեցի մտքումս, բայց հետո պարզվեց, որ էդքան էլ հեշտ չէր։
- Փողոցներում որ կանգնում են, նրանց չես վստահի։ Հազար տականքի հետ պառկում են, հանկարծ մի բանով չվարակեն երեխին։
- Կիսով չափ օրինավոր կնիկներից թե գտնես, պիտի էնպիսի մեկին ընտրես, որ ընդամենը մի անգամ հետը պառկի, ու վերջ, թե չէ կսովորի ու... Հո գիտես՝ առաջին կնկան հեշտ չեն մտահան անում, ու հետո պրոբլեմներ են առաջ գալիս ընտանիքներում։
- Զոռով-շառով մարդաթող մի երկուսին գտա. քիչ է ասել՝ սուսիկ-փուսիկ մանեկողների։ Մոտեցա։ Խոսք բացի։ էսպես ու էսպես, ասի, ախպորս տղան ա, առաջին անգամ պիտի կնկա ծոց մտնի, ուզում եմ՝ պատիվ տամ իրան, ասի, քեզանից օրինավորն ու վստահելին դժվար թե ճարեմ։ Համ էլ ստից չեմ ասում, վարձն ինձ վրա։
- Մեկն էլ ու մյուսն էլ (խոսքս էն կնանոնց մասին ա, ովքեր ինչ-որ հրավերքի ժամանակ ծանոթացած տղամարդու հետ առաջին իսկ երեկոն թավալվում են անկողիններում) էնպե՜ս թողին ու փախան, որ բախտս անիծեցի։ Մեզ ո՞ւմ տեղն ես դրել, ասին, ի՜նչ ռիսկով ես նման բան ասում մեզ։ Քո տարիքի մարդը չպիտի՞ իմանա՝ ում հետ ա խոսում եւ ի՞նչ ա խոսում, ասին։
- Ի՞նչ անեմ, ո՞ր ջուրն ընկնեմ։ Համա ոնց որ հնարը գտա։ Սրանից առաջ մեր կողքի փողոցում անառականոց էին բացել՝ անունն էլ «Մութաքա»։ էս «Մութաքան» իբրե թե հյուրանոց ա, բայց ամբողջ քաղաքը գիտի, որ դա մեր քաղաքի միակ բորդելն ա։ Ցերեկը խաղաղ, հանգիստ ա։ Գիշերվա երեքից սկսում ա աշխուժանալ, ու մինչեւ առավոտ գոռգոռոցները չեն լռում։ Ինքս շատ անգամ եմ տեսել, թե ոնց են առավոտվա ժամը իննին ռաֆով տանում էսպես՝ մոտավորապես տասնվեց-քսան տարեկան՝ գիշերն աշխատանքով լուսացրած աղջիկների, իրիկվա ժամը իննին ռաֆով էլ հետ բերում։
- Կլիենտները սեփական մեքենաներով են գալիս։ Մեքենաները կանգնացնում են հենց էնտեղ՝ դարպասի մոտ։ Երեսս պնդացրի ու գնացի գլխավոր ադմինիստրատորի մոտ։ Շեկլիկ, հունական դիմագծերով, բարեկազմ կնիկ էր։
- էսպես ու էսպես, ասի։ Տղան առաջին անգամ պիտի գնա աղջկա մոտ գուցե օգնե՞ք մեզ։ Վարձանքն, իհարկե, կտանք, ասի։ Ես ձեր հարեւանն եմ, օտար չկարծեք։ էստեղ՝ երկրորդ փողոցում եմ բնակվում, ասի։
- Բոլորովին նազուտուզ չարեց, հա, կարելի ա, ասեց։ Մեզ մոտ, ասեց, աղջիկն արժի հիսուն լարի, քառասուն լարի էլ հյուրանոցը կնստի՛ ձեզ վրա։ Իննիսուն լարի մուծեք, եւ մենք ձեզ խոնարհ ծառա, ասեց։
Ներեցեք, հարցնում եմ, բայց էդ իննիսուն լարին ի՞նչ ժամանակի վարձ ա։
- Թե հարցդ չհասկացա։
- Կլիենտն ինչքա՞ն ժամանակով ա վարձում աղջկան ու օթախը, պարզաբանում եմ միտքս։
- Թե մի ժամով, իհարկե։ Եթե ուզենա՝ մի ժամ էլ երկարացնի, նորից իննիսուն լարի պիտի մուծի։
- Աղջկերանցն ի՞նչ պրինցիպով եք բաժանում, հարցնում եմ ու էլի ներողություն խնդրում, գուցե առաջին իսկ պատահածը դուր չգա՞ տղային։
- Ջոկելով ա, ասեց։
- Դարակը քաշեց ու նկարները շարեց առաջս, ահա, ասեց, մուծեք ու ընտրեք ում ուզում եք։ Եթե նկարներին չեք վստահում, էս պահին ինն աղջիկ ունեմ ձեռիս տակ, իննին էլ կանչել կտամ։
- Փողը մուծեցի։ Հինգ րոպե չանցած՝ իմ առաջ կանգնեցին մեկը մյուսից սիրուն ինն աղջկերք։
- Կանգնել էին ծնկները ցուցահանած, հրապուրիչ, ոնց որ պոդիումին ա, մենակ թե ավելի համարձակ ժպիտով։
- Կախարդվել էի. չէի իմանում՝ որ մեկին ընտրեմ։
- Գլխավոր ադմինիստրատորի ականջին ասում եմ՝ տիկին, ենթադրենք սրանցից մեկը մի ժամ առաջ պառկել ա հիվանդ կլիենտի հետ։ Բա որ մի բան պատահի մեզ, ի՞նչ պիտի պատասխանեք, որեէ գարանտիա տալի՞ս եք։
- ժպտալով փսփսում ա՝ ամեն օր չէ, համա շաբաթը մեկ ստուգում ենք, իսկ առհասարակ ամեն տեսակ գլխացավանքից հեռու մնալու համար մեզանում սեռական հարաբերությունների մեջ են մտնում միայն պրեզերվատիվով։
- «Առաջին անգամ պառկել աղջկա հետ, էն էլ պրեզերվատիվով, շատ էլ տպավորիչ չի, համա, ի՛նչ արած, Կախայի համար դա թե՛ լավ, թե ապահով կլինի»,– մտածեցի։
- Պրեզերվատիվը մե՞նք պիտի բերենք, թե՞ դա մտնում ա վարձանքի մեջ,— հարցնում եմ։
- Թե դրա համար մի անհանգստացեք, մենք կապահովենք։
- Հայացքս մի անգամ էլ պտտեցի աղջկերանց վրա։
- Քանի դեռ մենք փսփսում էինք իրար ականջի, նրանք մի քիչ ձանձրացան։
- էդ բանի համար,— ադմինիստրատորն ինքն ինձ կողմնորոշեց ընտրության հարցում,— ձեզ ամենահարմարը ձախից երկրորդն ա, անունը՝ էսմա։ Նոր ա ստուգվել, կլիենտներ էլ շատ չունի։ Երրորդը՝ էն սուլուլ քթովը, տեսքով բոլորից լավն ա, համա շա՜տ քոքվածն ա. հնարավոր ա՝ երեխիցը լրացուցիչ փող պոկի կամ էլ էնպիսի բաներ սովորացնի, որ իսկի պետք չի առաջին անգամ աղջկա հետ պառկողին։ Կյանքն ինքը հետո կսովորացնի կամաց-կամաց։
- Գլխով արի։
- էսման մնում ա, մյուսներդ ազատ եք, հայտարարեց։
- Աղջկերքը ցվրվեցին։
- Դուք պայմանավորվեք՝ երբ եք բերելու, մնացածը մեզ վրա, ասեց ադմինիստրատորը եւ վերադարձավ իր տեղը։
- էսմային ծանոթացրի մեր վիճակին, տղեն իմ մոտիկներիցն ա, աղջկա ծոց դեռ չի մտել, հանկարծ չվախենա։ Երեխեն կարող ա ներվայնանա, դու պիտի հանգստացնես։ Մի խոսքով՝ ամեն ինչ պիտի բնական, նորմալ հունով գնա։ Հիշում եմ՝ իմ հարեւաններից մեկը պատմում էր, որ առաջին անգամ կայարանի բոզ Նադյայի մոտ են տարել։ էդ արագությունը, էդ հապճեպությունը, թե՝ շուտ արա, հանկարծ միլիցիա չհայտնվի... Կարճ ասած՝ շտապելուց ու հուզվելուց չի կանգնել։ Դրանից հետո տասը տարի կնկա երես չի ուզեցել տենա։
- Թե՝ դուք հոգ մի արեք, ամեն ինչ շատ բարձր մակարդակով կարվի։ Ավելին չգիտեմ, համա մոտ քսան «նովիչոկի» տղամարդ եմ դարձրել։
- Ձեզ որտե՞ղ հանդիպեցնեմ, որ ավելի բնական լինի հանդիպումը։— էլի ես եմ։
- Ցավոք սրտի,— էսման է,— մենք մեր հյուրանոցից դուրս աշխատելու իրավունք չունենք։ Մեզ խստորեն հետեում են։ :Ծառայությունս կկորցնեմ, եթե կարգը խախտեմ։ Դուք տղային էստեղ պիտի բերեք, ուրիշ ելք չկա։
- Համաձայնության եկանք։
- ժամը չորսին Կախան հյուրանոցի յոթերորդ համարի դուռը պիտի թակի։ Դուռը կբացի էսման, դրանից հետո ոնց որ սովորացնում ա «Ընտանեկան սեքսի տեղեկատու»–ն։
- Սիրելի ընթերցող, եկեք այստեղ փոքր-ինչ շունչ քաշենք։
- Եթե այս նովելը գրեր Օ Հենրին, իրադարձությունները կզարգանային հետնյալ կերպ.
- Ինքն իրենով պարփակված, մեկուսացած տղան հասարակաց տանն այդ մեկ ժամն անցկացնում է էսմայի հետ։ Դրանից հետո կորցնում է հանգիստը։ Կիրակի նույնպես ուզում է պոռնկանոց՝ էսմայի մոտ մտնել, բայց արգելում են այն պարզ պատճառով, որ փող չունի։ Տղան վշտից հալ ու մաշ է լինում։ էսմային տեսնելու համար ժամերով սպասում է դրսում։ Ի վերջո մեծ դժվարությամբ իմանում է աղջկա հասցեն։ Նա տանը մայր ունի միայնակ։ էսման, ինչ խոսք, վազում է տղայի հետ հանդիպման, բայց կտրականապես մերժում է տուն գնալ։ «Խնդրում, աղաչում եմ, էդպիսի բան չանես, աշխատանքս կկորցնեմ,— ասում է,— ու ես ու մայրս սովից կմեռնենք»։ Տղան լսել անգամ չի ուզում, նա սիրում է էսմային. առանց էսմայի ապրել չի կարող։
- ...Վերջապես Կախան ամուսնանում է։ Հարսանիքին հրավիրում են նաեւ այն մարդուն (այս պարագայում նրա հոր նախկին վարորդին), ով Կախային առաջին անգամ պոռնկանոց է առաջնորդել։ Հյուրերը հերթով սեղմում են հարսի ու փեսայի ձեռքը... :Նախկին վարորդը միակն է, ով ճանաչում է հարսնացուին, իսկ հարսնացուն էսման է։
- Այո, այսպիսի սենտիմենտալ վերջաբան կունենար մեր նովելը, եթե այն գրեր ամերիկացի նշանավոր գրող 0՛ Հենրին։
- ...Բայց այս անգամ ես չեմ հետեւի դասական նովելի պարտադիր սկզբունքին եւ կպատմեմ ճիշտ այն, ինչ իրականում տեղի է ունեցել։
- Կախայի հետ երկար-բարակ նախաբանի հարկ չեղավ։
- Հենց որ ասի՝ քեզ մի աղջկա մոտ եմ հրավիրում, իսկույն համաձայնեց։
- Մնացածը տեխնիկայի գործ էր։
- Միասին կգնանք ուր որ հարկն է։ Ադմինիստրատորից կվերցնես բանալին (փողն արդեն մուծել եմ) եւ կբարձրանաս յոթերորդ համար։ էնտեղ քեզ կդիմավորի մի աղջիկ։ Դրանից հետո դու գիտես,— բացատրեցի։
- Ի նշան շնորհակալության՝ գլխով արավ։
- Գնացինք։ Ներս մտանք։ Կախան բարեւեց ադմինիստրատորին (բարեւ տալը ես բարեկիրթ պատանու բնական ժեստ համարեցի), բանալին վերցրեց եւ մատին խաղացնելով՝ բարձրացավ սանդուղքով։
- — Սա՞ է առաջին անգամ աղջկա մոտ գնում,— ժպտաց ադմինիստրատորը։
- — Հա՛, Դուք, ի՜նչ ա, ճանաչո՞ւմ եք,– հարցնում եմ վախվորած։
- — Կախային ո՞վ չի ճանաչում։ Ինչ «Մութաքան» բացել ենք, շաբաթն առնվազն մեկ անգամ մեզ մոտ է։ Ոսկի տղա է։
Զարմանքից մնացի ափիբերան։