«Գարնան տասնյոթ ակնթարթ»–ի խմբագրումների տարբերություն
(→Տեղեկություն խորհրդածության համար) |
(→18.2.1945 (Ժամը 11-ն անց 46 րոպե)) |
||
Տող 1552. | Տող 1552. | ||
== 18.2.1945 (Ժամը 11-ն անց 46 րոպե) == | == 18.2.1945 (Ժամը 11-ն անց 46 րոպե) == | ||
+ | |||
+ | Պատերազմի վերքին ամիսներին, երբ Հիտլերը հմայության պես կրկնում էր, որ անգլո֊սովետա֊ամերիկյան միության խորտակումը շաբաթների հարց է, երբ նա բոլորին հավատացնում էր, թե Արևմուտքը դեռևս օգնության կդիմի գերմանացիներին՝ վճռական պարտությունից հետո, շատերին դա թվում էր ֆյուրերի բնավորության դրսևորում՝ մինչև վերջ հավատալ իր երևակայության ստեղծածին։ Այնինչ, տվյալ դեպքում Հիտլերը հենվում էր փաստերի վրա. Բորմանի հետախուզությունը դեռևս 1944 թվականի կեսերին Լոնդոնում ձեռք էր բերել հույժ գաղտնի մի փաստաթուղթ։ Այդ փաստաթղթում մասնավորապես կային Ուինստոն Չերչիլլին պատկանող հետևյալ տողերը. «Սարսափելի աղետ կկատարվեր, եթե ռուսական բարբարոսությունը ոչնչացներ եվրոպական հնագույն պետությունների մշակույթն ու անկախությունը»։ Նա դա գրել էր իր գաղտնի հուշագրում, 1942 թվականի հոկտեմբերին, երբ ռուսները ոչ թե Լեհաստանում էին, այլ Ստալինգրադի տակ, ոչ թե Ռումինիայում, այլ Սմոլենսկի մատույցներում, ոչ թե Հարավսլավիայում, այլ Խարկովի մերձակայքում։ | ||
+ | |||
+ | Հավանաբար, ամեն տեսակի բանակցությունների փորձերը անհապաղ մահապատժով վերջացնելու մասին հրամաններ չէր արձակի Հիտլերը, եթե իմանար կարծիքների այն կատաղի բախման մասին, որն առկա էր անգլիացիների և ամերիկացիների միջև 1943֊1944 թվականներին, դաշնակից բանակների գլխավոր հարվածի ուղղության կապակցությամբ։ Չերչիլլը պնդում էր, որ զորքերը Բալկաններում իջեցվեն։ Անհրաժեշտությունը պատճառաբանում էր այսպես. «Հարցն այսպես է դրված, պատրա՞ստ ենք արդյոք հաշտվել Բալկանների, հնարավոր է նաև Իտալիայի կոմունիզացմանը։ Հարկ է ստույգ հաշիվ տալ այն առավելությունների տեսակետից, որը ձեռք կբերեն արևմտյան դեմոկրատները, եթե նրանց բանակները օկուպացնեն Բուդապեշտը և Վիեննան, ազատագրեն Պրագան և Վարշավան...»։ | ||
+ | |||
+ | Սթափ մտածող ամերիկացիները հասկանում էին, որ հիմնական հարվածը Հիտլերին ոչ թե Ֆրանսիայում, այլ Բալկաններում հասցնելու Չերչիլլի փորձերը չափազանց եսասիրական են։ Նրանք իրենց հաշիվ էին տալիս, որ Չերչիլլի տեսակետի հաղթանակը Մեծ Բրիտանիան հեգեմոն կդարձնի Միջերկրական ծովում, հետևաբար հենց Մեծ Բրիտանիան կդառնա Աֆրիկայի, արաբական Արևելքի, Իսպանիայի, Հարավսլավիայի և Հունաստանի տերը։ Ուժերի հավասարակշռությունն այդպիսով ոչ Միացյալ Նահանգների օգտին կլիներ, և ափհանումը նշանակվեց Ֆրանսիայում։ | ||
+ | |||
+ | Զգույշ և համարձակ քաղաքագետ Չերչիլլը որոշակի ծայրահեղ հանգամանքների դեպքում կարող էր շփման մեջ մտնել ֆյուրերի դեմ եղած օպոզիցիայի հետ, միասնական ճակատ ստեղծելու համար, որպեսզի խոչընդոտեր ռուսների առաջխաղացումը դեպի Ատլանտյանի ափերը, որից նա շատ֊շատ էր վախենում։ Սակայն 1944 թվականի ամռանը դավադիրների ոչնչացումից հետո Գերմանիայում նման ուժեր չկային։ Բայց և Չերչիլլը գտնում էր, որ յուրաքանչյուր զգույշ «սիրավեպ» ռայխի այն ղեկավարների հետ, որոնք կփորձեին վերմախտի բանակների կապիտուլյացիան իրականացնել Արևմուտքում, թեև քիչ հավանական էր (Ռոլզվելտի հաստատ դիրքորոշման և ամբողջ աշխարհում ռուսասիրական տրամադրությունների պատճառով), բայց նման «սիրավեպը» նրան հնարավորություն կընձեռեր ավելի դաժան քաղաքականություն անցկացնել Ստալինի նկատմամբ, հատկապես լեհական և հունական հարցերում։ | ||
+ | |||
+ | Եվ երբ ռազմական հետախուզությունը Չերչիլլին զեկուցեց այն մասին, որ գերմանացիները շփման եզրեր են փնտրում դաշնակիցների հետ, նա պատասխանեց. | ||
+ | |||
+ | — Բրիտանիային կարող են մեղադրել դանդաղկոտության, հանդգնության, հումորիստական վերլուծականության մեջ... Բայց ոչ ոք չի կարող Բրիտանիային մեղադրել նենգության մեջ, և ես աղոթում եմ աստծուն, որպեսզի երբեք մեզ չկարողանան դրա մեջ մեղադրել։ Թեև,— ավելացրեց նա և նրա աչքերը պողպատյա դարձան ու միայն դրանց խորքերում ծիծաղի կայծեր էին թռչկոտում,— ես միշտ խնդրել եմ ճիշտ սահման անցկացնել ազգերի համագործակցության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական խաղի և ուղղակի, անբանական նենգության միջև։ Միայն ասիացիները կարող են դիվանագիտական նուրբ և բարդ խաղը նենգություն համարել․․․ | ||
+ | |||
+ | — Բայց նպատակահարմարության դեպքում խաղը կարող է ոչ թե խաղ, այլ առավել լուրջ գործողություն լինել,— հարցրեց հետախուզության պետի օգնականը։ | ||
+ | |||
+ | — Ձեր կարծիքով խաղը լո՞ւրջ չէ։ Խաղն ամենալուրջ բանն է, որ կա աշխարհում։ Խաղը և գեղանկարչությունը, մնացյալն ունայն է ու սին,— պատասխանեց Չերչիլլը։ Նա պառկած էր անկողնում, դեռ չէր ելել իր տրադիցիոն ցերեկային քնից, դրա համար էլ բարեհոգի և ուրախ տրամադրության մեջ էր։— Քաղաքականությունն այն ձևով, որ մենք վարժվել ենք ընկալել, մեռել է։ Աշխարհի այս կամ այն շրջանում նրբակիրթ օպերացիաների տեղական քաղաքականությանը փոխարինելու է եկել գլոբալ քաղաքականությունը։ Դա այլևս անհատականության ինքնակամություն չէ, դա այլևս մարդկանց այս կամ այն խմբի անհատապաշտական ուղղվածություն չէ, դա մաթեմատիկայի պես ճշգրիտ գիտություն է և բժշկության մեջ փորձնական ճառագայթման պես վտանգավոր։ Գլոբալ քաղաքականությունը փոքր երկրներին անհամար ողբերգություններ կբերի՝ դա փշրված բանականությունների և կործանված տաղանդների քաղաքականություն է։ Գլոբալ քաղաքականությանը կենթարկվեն գեղանկարիչները և աստղագետները, դռնապաններն ու մաթեմատիկաւները, թագավորներն ու հանճարները։— Չերչիլլն ուղղեց ծածկոցը և ավելացրեց,― մի որևէ շրջանում թագավորի և հանճարի միացումը ամենևին ուղղված չէ թագավորի դեմ, այդ շրջանում ամփոփված հակադրությունը պատահական է և ոչ թե նպատակաուղղված։ Գլոբալ քաղաքականությունը անսպասելի այնպիսի ալյանսներ կենթադրի, ստրատեգիայի մեջ այնպիսի պարադոքսային շրջադարձեր, որ 1941 թվականի հունիսի 22-ի իմ ուղերձը Ստալինին կթվա տրամաբանության և հետևողականության ծայրակետ։ Ի միջի այլոց, իմ ուղերձը տրամաբանական էր, հետևողականության հարցը երկրորդական է, գլխավորը ազգերի համագործակցության շահերն են, մնացած բոլորը կներվի պատմության կողմից․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | == 18.2.1945 (Ժամը 12-ն անց 09 րոպե) == | ||
Ընթացիկ տարբերակը 14:38, 3 Օգոստոսի 2016-ի դրությամբ
հեղինակ՝ Յուլիան Սեմյոնով |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
- 1 «Ով ով է»
- 2 12.2.1945 (Ժամը 18-ն անց 38 րոպե)
- 3 12.2.1945 (Ժամը 19-ն անց 56 րոպե)
- 4 15.2.1945 (Ժամը 20-ն անց 20 րոպե)
- 5 15.2.1945 (Ժամը 20-ն անց 44 րոպե)
- 6 «Նրանք ո՞ւմ տեղն են ինձ դրել այնտեղ»
- 7 Տեղեկություն խորհրդածության համար
- 8 15.2.1945 (Ժամը 22-ն անց 32 րոպե)
- 9 Տեղեկություն խորհրդածության համար
- 10 15.2.1945 (Ժամը 23-ն անց 54 րոպե)
- 11 Տեղեկություն խորհրդածության համար
- 12 16.2.1945 (Ժամը 03-ն անց 12 րոպե)
- 13 Տեղեկություն խորհրդածության համար
- 14 Ուժերի տեղաբաշխում
- 15 16.2 1945 (Ժամը 04֊ն անց 15 րոպե)
- 16 Տեղեկություն խորհրդածության համար
- 17 17.2.1945 (Ժամը 10-ն անց 03 րոպե)
- 18 17.2.1945 (Ժամը 10-ն անց 05 րոպե)
- 19 17.2.1945 (Ժամը 10-ն անց 05 րոպե)
- 20 Տեղեկություն խորհրդածության համար
- 21 18.2.1945 (Ժամը 11-ն անց 46 րոպե)
- 22 18.2.1945 (Ժամը 12-ն անց 09 րոպե)
«Ով ով է»
Շտիրլիցը սկզբում չհավատաց ականջներին, թվաց, թե այգում սոխակն է երգում։ Օդը սառն էր, մի տեսակ կապտավուն, ու թեև չորս կողմը գարնանային, փետրվարյան, զգուշավոր երանգներ էին, ձյունը դեռևս շատ էր ու չուներ այն ներքին, թեթևակի կապտությունը, որը միշտ նախորդում է գիշերային հալոցքին։
Սոխակը երգում էր կաղնուտում, դեպի գետն իջնող թփուտների մոտ։ Հին ծառերի հզոր բները սև էին, այգուց նոր սառեցրած ձկան հոտ էր գալիս։ Դեռևս չկար անցյալ տարվա կեչու և կաղնու տերևների սուր հոտը, որ ուղեկցում է գարնանը, իսկ սոխակը դայլայլում էր հափշտակված. կլկլացնում էր, գեղգեղում՝ դյուրաբեկ ու անպաշտպան բեկբեկում այս սև, լռին այգում։
Շտիրլիցը հիշեց պապին։ Ծերուկը թռչունների հետ խոսել գիտեր։ Նստում էր ծառի տակ, երաշտահավին գրավում֊կանչում էր մոտն ու երկար նայում թռչնակին։ Ծերուկի աչքերն էլ էին թռչնային դառնում թրթռուն, սև ուլունքների պես, և ծտերն ամենևին չէին վախենում նրանից։
— Թյո՛ւն֊թյո՛ւն-թրյությությո՛ւն,— շվշվացնում էր պապը։
Ու երաշտահավերը պատասխանում էին նրան՝ վստահ և ուրախ։
Արևը մայր էր մտել, և ծառերի մութ բները շրջվել էին սպիտակ ձյան վրա մանուշակագույն, համաչափ ստվերներով,
«Կսառչի, կմնա խեղճը,— մտածեց Շտիրլիցը և փաթաթվելով շինելի մեջ, տուն վերադարձավ։— Ոչ մի կերպ օգնել էլ հնարավոր չի. միայն մի թռչուն չի հավատում մարդկանց՝ սոխակը»։
Շտիրլիցը նայեց ժամացույցին։
«Կլաուսը հիմա կգա,— մտածեց Շտիրլիցը։— Նա միշտ ճշտապահ է։ Ինքս նրան խնդրեցի կայարանից անտառով գալ, որպեսզի ոչ ոքի չհանդիպի։ Ոչի՛նչ։ Կսպասեմ։ Այստեղ այնքան գեղեցիկ է...»։
Այդ գործակալին Շտիրլիցը միշտ ընդունում էր այստեղ՝ լճափի փոքրիկ առանձնատանը, որն իր ամենահարմար գաղտնի բնակարանն էր։ Երեք ամիս շարունակ նա համոզում էր ՍՍ[1]-ի օբերգրուպպենֆյուրեր Պոլին՝ գումար հատկացնել ռմբակոծության ժամանակ զոհված «օպերայի» պարողների երեխաներից այդ առանձնատունը գնելու համար։ Երեխաները շատ էին պահանջում, և Պոլը, որ պատասխանատու էր ՍՍ-ի և ՍԴ[2]-ի տնտեսական քաղաքականության համար, կտրականապես մերժում էր Շտիրլիցին. «Դուք խելագարվել եք,— ասում էր նա,— մի ավելի համեստ բան վերցրեք։ Դա ի՜նչ շքեղության ձգտում է։ Մենք չենք կարող փողերն աջ ու ձախ քամուն տալ։ Դա անազնվություն կլիներ պատերազմի լուծը կրող ազգի նկատմամբ»։
Շտիրլիցն ստիպված էր այստեղ բերել իր շեֆին՝ անվտանգության ծառայության քաղաքական հետախուզության պետին։ ՍՍ-ի երեսունչորսամյա բրիգադենֆյուրեր Վալտեր Շելլենբերգն իսկույն հասկացավ, որ լուրջ գործակալների հետ զրույցների համար ավելի լավ տեղ գտնել հնարավոր չէ։ Փոխանձանց միջոցով գնման կայքագիրը հասաատվեց, և ոմն Բոլզեն, «Ռոբերտ Լեյի անվան քիմիական ժոդովրդական ձեռնարկության» գլխավոր ինժեներ, առանձնատնից օգտվելու իրավունք ստացավ։ Հենց նա էլ բարձր աշխատավարձով և լավ օրապարենով մի պահակ վարձեց։ Բոլզենը ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր ֆոն Շտիրլիցն էր։
... Շտիրլիցր սեղանը գցեց և ընդունիչը միացրեց։ Լոնդոնն ուրախ երաժշտություն էր հաղորդում։ Ամերիկացի Գլեն Միլլերի նվագախումբը «Արևավառ հովտի սերենադից» կոմպոզիցիա էր կատարում։ Այդ կինոնկարը դուր էր եկել Հիմմլերին, և Շվեդիայից մի օրինակ գնել էին։ Այդ ժամանակից ի վեր կինոնկարը բավական հաճախ էին դիտում Պրինցալբրեխտշտրասսեի ներքնահարկում, հատկապես գիշերային ռմբակոծությունների ժամանակ, երբ չէր կարելի հարցաքննել ձերբակալվածներին։
Շտիրլիցը զանգահարեց պահակին և երբ սա եկավ, ասաց․
— Բարեկամս, այսօր կարող եք գնալ քաղաք, երեխաների մոտ։ Վաղը վերադարձեք առավոտյան ժամը վեցին և եթե դեռ գնացած չլինեմ, շատ թունդ, որքան հնարավոր է թունդ սուրճ եփեք ինձ համար...
12.2.1945 (Ժամը 18-ն անց 38 րոպե)
«— Ինչ եք կարծում, պաստոր, մարդու մեջ որն է շատ՝ անհատականությո՞ւնը, թե՝ արարածը։
— Կարծում եմ, հավասարաչափ։
— Այդպես չի կարող լինել։
— Միայն այդպես կարող է լինել։
— Իսկ ի՞նչ է, աստված ամե՞ն մարդու մեջ կա։
— Հարկավ,
— Ֆյուրերի մեջ ո՞ւր է։ Գյորինգի մե՞ջ ուր է։ Ո՞ւր է այն Հիմմլերի մեջ։
— Դուք դժվար հարց եք տալիս։ Իսկ մենք խոսում ենք մարդկային էության մասին։ Որպես սկզբունք, ես չեմ հավատում, թե լույս աշխարհ եկած մարդն իր մեջ անպայմանորեն կրում է կապկային ծագման նզովքը։
— Ինչո՞ւ «կապկային ծագման նզովքը»։
— Ես խոսում եմ իմ լեզվով։
— Դուք միշտ շատ բարոյական ձևով խուսափում եք պատասխանել ինձ տանջող հարցերին։ Դուք «այո» կամ «ոչ» պատասխան չեք տալիս, իսկ հավատ փնտրող յուրաքանչյուր ոք կոնկրետություն է սիրում, մեկ «այո» և մեկ «ոչ»։ Դուք ասում եք «դե, ոչ», «այնքան էլ չէ», «ավելի շուտ, ոչ...» Իսկ դա, եթե կուզեք, մարդու վանում է ոչ այնքան ձեր մեթոդից, որքան ձեր պրակտիկայից։
— Դուք անբարյացակամորեն եք վերաբերվում իմ պրակտիկային։ Եվ, այնուամենայնիվ, համակենտրոնացման ճամբարից փախաք, եկաք ինձ մոտ։ Հետաքրքիր է, ինչպե՞ս հասկանանք դա։
— Պաստոր, ես անհարմար եմ զգում, գուցե ձեր գաղտնիքն եմ շոշավաւմ, բայց ֆրաու Այզենշտադտն ինձ ասաց... ի՞նչ է, դուք ժամանակին գեստապոյում եղե՞լ եք։
— Ես եղել եմ այնտեղ...
— Հասկանալի է։ Ձեզ համար դա ցավոտ հարց է, և գուք գերադասում եք շրջանցել։ Իսկ ձեզ չի՞ թվում, թե պատերազմից հետո ձեր ծուխը չի կարող հավատալ ձեզ։
— Ով ասես, չի նստել գեստապոյում։
— Իսկ եթե ծխականների ականջին փսփսան, թե հոգևոր հորը որպես պրովոկատոր նստեցրել են այն բանտարկյալների խցերը, որոնք չեն վերադարձել։ Իսկ վերադարձողներն էլ հատուկենտ մարդիկ են միլիոններից․․․ Այն ժամանակ ձեր ճշմարտությունն ո՞ւմ պիտի քարոզեք։
— Հարկավ, նման մեթոդներով ում ասես կարելի է ոչնչացնել։
— Եվ այդ ժամանակ ի՞նչ։
— Այդ ժամանա՞կ։ Հերքե՛լ դա։ Հերքել, որքան կկարողանամ, հերքել մինչ այն պահը, քանի դեռ կլսեն ինձ։ Երբ էլ չեն լսի, մեռնել ներքնապես։
— Ներքնապես։ Ուրեմն, կենդանի, որպես մարմնական մարդ դուք կմնա՞ք։
— Տերն է դատավոր։ Եթե կմնամ՝ կմնամ։
— Ձեր կրոնը դե՞մ է անձնասպանության։
— Այդ պատճառով էլ հենց կյանքիս վերջ չեմ տալիս։
— Դուք ի՞նչ կանեք, զրկվելով քարոզելու հնարավորությունից։
— Կհավատամ, առանց քարոզելու։
— Իսկ ինչո՞ւ ուրիշ ելք չեք տեսնում ձեզ համար՝ աշխատել բոլորի հետ միասին։
— «Աշխատել» ասելով ի՞նչ եք հասկանում։
― Թեկուզ քար կրել գիտության տաճարներ կառուցելու համար։
— Դուք գտնում եք, թե հոգևոր քարոզով իր ծխին դիմող մարդը պորտաբույծ է ու շառլատա՞ն։ Դուք դա աշխատանք չե՞ք համարում։ Ձեզ համար աշխատանքը քար կրելն է։ Ես գտնում եմ, որ հոգևոր աշխատանքը, քիչ է ասել, թե հավասարազոր է ցանկացածդ գործին, հոգևոր աշխատանքը առանձնապես կարևոր է։
— Մասնագիտոլթյամբ ես Ժուռնալիստ եմ և հասկանում եմ ձեզ։ Բայց իմ թղթակցություններն օստրակիզմի[3] էին ենթարկվում թե՛ նացիստների, թե՛ ուղղափառ եկեղեցու կողմից։
— Ուղղափառ եկեղեցու կողմից դրանք դատապարտվել էն, հավանորեն այն պարզ պատճառով, որ դուք սխալ էր քննել մարդուն անձամբ։
— Ես չեմ քննել մարդուն։ Ես ցուցադրել եմ Բրեմենի և Համբուրգի կատակոմբներում ապրող գողերի և անբարոյականների աշխարհը։ Հիտլերյան պետությունը դա անվանեց նողկալի զրպարտանք վերին ռասայի հասցեին, իսկ եկեղեցին՝ զրպարտանք մարդու հասցեին։
— Մենք չենք վախենում կյանքի ճշմարտությունից։
— Վախենո՛ւմ եք։ Ես ցույց եմ տվել, թե ինչպես այդ մարդիկ ջանում էին սփոփանք փնտրել եկեղեցում և ինչպես եկեղեցին վանում էր նրանց։ Հենց ծուխն էր վանում նրանց, իսկ պաստորը չէր կարող դեմ գնալ նրանց։
— Հարկա՛վ, չէր կարող։ Ես չեմ կարող ձեզ դատապարտել ճշմարտության համար։ Ես ձեզ դատապարտում եմ ոչ նրա համար, որ ճշմարտությունն եք ցույց տվել։ Իմ տարաձայնությունը ձեզ հետ մարդու ապագայի գուշակումների մեջ է։
— Պաստոր, իսկ ձեզ չի՞ թվում, թե ձեր պատասխաններում դուք հոգևոր հովիվ չեք, այլ քաղաքագետ։
— Կարևորն ինձ համար ի՛մ ճշմարտությունն է։ Այդ ճշմարտությունը ծավալուն է, ամբողջական։ Իմ մեջ հենց միայն քաղաքականություն եք տեսնում։ Ճիշտ այնպես, ինչպես լոգարիթմական քանոնը կարելի է դիտել իբրև մեխ խփելու գործիք։ Լոգարիթմական քանոնով կարելի է մեխ խփել, այն որոշակի մասսա և տարածականություն ունի։ Բայց դա հենց այն տարբերակն է, ըստ որի տեսնում ես առարկայի տասներորդական, քսաներորդական ֆունկցիան։
— Պաստոր, ես հարց եմ առաջ քաշում, իսկ դուք, չպտաախանելով, մեխում եք բերանս։ Մի տեսակ շատ ճարպկորեն հարց տվողից պատասխանող եք դարձնում ինձ, որոնողից՝ հերետիկոս։ Իսկ ինչո՞ւ եք դուք ասում, թե վեր եք գոտեմարտից, երբ նույնպես գոտեմարտի մեջ եք։
— Դա ճիշտ է. ես գոտեմարտի մեջ եմ, պատերազմի մեջ, բայց ես պատերազմում եմ հենց պատերազմի դեմ։
— Դուք շատ մատերիալիստորեն եք վիճում։
— Ես վիճում եմ մատերիալիստի հետ։
— Ուրեմն, դուք կարող եք ինձ հետ իմ զենքո՞վ կռվել։
— Ես ստիպված եմ այդ անել։
— Լսեցեք ինձ... հանուն ձեր ծխի բարօրության, ինձ պետք է, որ դուք կապվեք իմ ընկերների հետ։ Հասցեն ձեզ կտամ։ Ես ձեզ կվստահեմ իմ ընկերների հասցեն... Պաստոր, դուք չեք մատնի անմեղ մարդկանց...»
Շտիրւիցը լսեց մագնիտոֆոնային այս ձայնագրությունը, թափով ելավ տեղից ու մոտեցավ պատուհանին, որպեսզի հայացքով չհանդիպի այն մարդուն, որը երեկ պաստորից օգնություն էր խնդրում, իսկ այժմ քմծիծաղում էր, լսելով իր ձայնը, կոնյակ էր խմում և ագահորեն ծխում։
— Պաստորի մոտ ծխելոլ բանը դժվա՞ր էր,— առանց շրջվելու հարցրեց Շտիրլիցը։
Նա կանգնած էր վիթխարի, ամբողջ պատը բռնող լուսամուտի մոտ և նայում էր, թե ձյան վրա ինչպես են կռվշտում ագռավները հացի կտորտանքի համար։ Պահակը կրկնակի օրապարեն էր ստանում և դրա համար էլ սիրում էր թռչուններին։ Պահակը չգիտեր, որ Շտիրլիցը ՍԴ-ից է, և կարծում էր, թե առանձնատունը պատկանում է կամ արվամոլների, կամ մեծ կշիռ ունեցող առևտրականների, ոչ մի անգամ այստեղ ոչ մի կին չէր եկել, իսկ երբ հավաքվում էին տղամարդիկ, խոսակցությունը ցածրաձայն էր լինում, ուտելիքը ընտրովի, խմիչքն՝ առաջնակարգ։
— Այո, այնտեղ հոգիս դուրս եկավ առանց ծխելու... Ծերուկը խոսելու հետ սեր ունի, իսկ ես կախվել էի ուզում չծխելուց...
Գործակալի ազգանունը Կլաուս էր։ Նրան հավաքագրել էին երկու տարի առաջ։ Ինքն էր հավաքագրվել․ նախկին սրբագրիչը ծարավի էր սուր զգացողությունների։ Նա աշխատում էր արտիստորեն, զրուցակիցներին զինաթափ անելով անկեղծությամբ ու կտրուկ դատողություններով։
«Իսկ գուցե նա հիվանդ է,— ավելի ու ավելի հաճախ էր մտածում Շտիրլիցը, զննելով Կլաուսին։— Մատնչության ծարավը նույնպես ինքնատիպ հիվանդություն է։ Հետաքրքիր է՝ Կլաուսը լիովին ոչնչացնում է Լամբրոզոյին, սա ամենասարսափելին է բոլոր հանցագործներից, որոնց ես տեսէլ եմ, իսկ որքան բարետես է ու գրավիչ»։
Շտիրլիցը ետ եկավ դեպի սեղանիկը, նստեց Կլաուսի դիմաց ու ժպտաց նրան։
— Դե՛,— հարցրեց նա,— ուրեմն, համոզվա՞ծ եք, որ ծերունին կկարգավորի ձեր կապը։
— Այո, դա վճռված հարց է։ Ամենից շատ ես սիրում եմ աշխատել մտավորականների և հոգևորականների հետ։ Գիտեք, ապշեցուցիչ բան է հետևելը, թե մարդն ինչպես է գնում դեպի կործանում։ Երբեմն ուզում ես ասել. «Սպասի՛ր, հիմա՛ր։ Ո՞՜ւր...»։
— Դե, դա արդեն չարժե,— ասաց Շտիրլիցը,— խելացի բան չէ։
— Ձկան պահածո չունե՞ք։ Առանց ձկան խելագարվում եմ։ Գիտեք էլի, նյարդային բջիջները ֆոսֆոր են պահանջում...
— Ինչպիսի՞ն եք ուզում։
— Սիրում եմ յուղի մեջ...
— Դա հասկանում եմ... Ի՞նչ արտադրության։ Մե՞ր, թե...
— «Թե»,— ծիծաղեց Կլաուսը։— Թեկուզ և հակահայրենասիրական բան է, բայց ես սիրում եմ այն մթերքներն ու խմիչքները, որոնք Ամերիկայում կամ Ֆրանսիայում են պատրաստված...
— Ես ձեզ մի արկղ իսկական ֆրանսիական սարդին կտամ։ Ձիթայուղի մեջ, շատ գրգռիչ։ Ֆոսֆոր՝ ինչքան ուզեք․․․ Գիտեք, ես երեկ ձեր դոսյեն էի նայում։
— Շատ բան կտայի մի անգամ տեսնելու համար։
― Դա այնքան էլ հետաքրքիր չէ, որքան թվում է։ Երբ դուք խոսում եք, ծիծաղում, բողոքում եք լյարդի ցավերից, դա տպավորիչ է, եթե նկատի առնենք, որ դրանից առաջ մի շշմեցուցիչ օպերացիա եք անցկացրել... Իսկ ձեր դոսյեն՝ տխուր բան է. զեկուցագրեր, տեղեկություններ, ամեն բան խառնվել է, ձեր մատնագրերը, մատնագրեր ձեր վրա․․․ Հետաքրքիրն ուրիշ բան է․ հաշվեցի, որ ձեր նախաձեռնության շնորհիվ ձերբակալվել է իննսունյոթ մարդ։ Ընդ որում, բոլորն էլ ձեր մասին լռել են։ Բոլորն՝ անխտիր։ Իսկ գեստապոյում նրանց բավական լավ են մշակել․․․
— Այգ մասին ինչո՞ւ եք ինձ ասում։
— Չգիտեմ։ Փորձում եմ վերլուծել, թե ինչ, չգիտեմ․․․ Ձեզ հետաքրքրե՞լ է նրանց հետագա ճակատագիրը։
— Սատանան գիտի... ինձ հետաքրքրել է գոտեմարտը։ Այն, ինչ հետո կկատարվի նրանց հետ, չգիտեմ։ Հետո մեզ հե՞տ ինչ կկատարվի, Բոլորի հե՞տ՝ ինչ...
— Նույնպես ճիշտ է,— համաձայնեց Շտիրլիցը։
— Եվ հետո... Ստրուկների մեջ չի կարելի ազատ լինել։ Դա ճիշտ է, ուրեմն ավելի լավ չէ՞ ամենաազատը լինել ստրուկների մեշ։ Ես հո այս բոլոր տարիներին օգտվել եմ հոգեկան լիակատար ազատությունից․․․
Շտիրլիցը հարցրեց․
— Իսկ երեկ չէ անցյալ օրը երեկոյան ո՞վ եկավ պաստորի մոտ։
— Ժամը իննի մոտ։
— Դուք սխալվում եք,— պատասխանեց Կլաուսը,— համենայն դեպս ձեր կողմից ոչ ոք չի եկել, ես բոլորովին մենակ էի այնտեղ։
— Ուրեմն, դուք համոզվա՞ծ եք, որ ծերունին կաշխատի ձեզ համար։
― Կաշխատի, ընդհանրապես, ես իմ մեշ օպոզիցիոների, տրիբունի, առաջնորդի կոչում եմ զգում։ Մարդիկ ենթարկվում են իմ ճնշմանը, մտածության տրամաբանությանը...
— Դե լա՜վ։ Միայն չափից ավելի մի պարծեցեք։ Հիմա գործից խոսենք... Մի քանի օր կապրեք մեր բնակարաններից մեկում... Որովհետև դրանից հետո ձեզ լուրջ գործ է սպասում, ըստ որում ինձ հետ կապ չունի․․․
Շտիրլիցը ճիշտ էր ասում. գեստապոյի կոլեգաներն այսօր խնդրել էին մի շաբաթով Կլաուսին իրենց տալ. Քյոլնում երկու ռուս ռադիստ էին բռնել։ Նրանց բռնել էին աշխատելիս, հենց հաղորդչի մոտ։ Նրանք լռում էին, հարկավոր էր մի լավ մարդ նստեցնել նրանց մոտ։ Շտիրլիցը խոստացավ գտնել Կլաուսին։
— Մոխրագույն թղթապանակից մի թերթ թուղթ վերցրեք,— ասաց Շտիրլիցը,— և գրեք հետևյալը. «Շտանդարտենֆյուրեր։ Մահու չափ հոգնել եմ։ Ուժերս սպառվելու վրա են։ Ես ազնվորեն աշխատել եմ, բայց այլևս չեմ կարող։ Ես հանգիստ եմ ուզում»...
— Ինչի՞ համար է սա,— հարցրեց Կլաուսը, ստորագրելով նամակը։
— Ես կարծում եմ, որ մի շաբաթով Ինսբրուկ գնալը ձեզ չէր խանգարի,— պատասխանեց Շտիրլիցը, մի կապ դրամ մեկնելով նրան։— Այնտեղ կազինոներն աշխատում են, և դեռատի դահուկորդուհիներն առաջվա պես սահում են սարն ի վար։ Առանց այդ նամակի ես չեմ կարող ձեզ համար երջանկության շաբաթ նվաճել։
— Շնորհակալություն,— ասաց Կլաուսը։
— Մի անգամ էլ վերհիշեք․ պաստորի մոտ ձեզ ոչ ոք չի՞ տեսել։
— Վերհիշելու հարկ չկա՝ ոչ ոք։
— Ես նկատի ունեմ նաև մեր մարդկանց։
— Ինձ կարող էին տեսնել ձեր մարդիկ, եթե նրանք հետևում էին այդ ծերունու տանը։ Դա էլ հազիվ թե։ Ես ոչ ոքի չեմ տեսել։
Շտիրլիցը հիշեց, թե ինչպես էր մի շաբաթ առաջ Կլաուսը հագնում բանտարկյալի հագուստ, նախքան այն գյուղի միջով բանտարկյալներին քշելով տանելու ներկայացումը սարքելը, ուր հիմա ապրում էր պաստոր Շլագը։ Նա հիշեց Կլաուսի այն ժամանակվա դեմքը՝ աչքերը բարություն ու արիություն էին ճառագում։ Արդեն մտել էր այն դերի մեջ, որը պիտի խաղար շուտով։ Այն ժամանակ Շտիրլիցր նրա հետ այլ կերպ էր խոսում, որովհետև մեքենայում իր կողքը նստածը սուրբ մարդ էր։
— Այս նամակը փոստը կձգեք ձեր նոր բնակարանի ճանապարհին,— ասաց Շտիրլիցը։— Եվ մեկն էլ գրեք պաստորին, որպեսզի կասկածներ չլինեն։ Ես ձեզ չեմ խանգարի, մի գավաթ էլ սուրճ կեփեմ։
Երբ նա վերադարձավ, Կլաուսի ձեռքին մի թերթ թուղթ կար․
— «Ազնվությունը գործողություն է ենթադրում,— թեթևակի ծիծաղելով սկսեց կարդալ նա,— հավատը պայքարի վրա է խարսխվում։ Ազնվության քարոզը լիակատար անգործության դեպքում դավաճանություն է թե ծխին, թե ինքն իրեն։ Մարդը կարող է իրեն ներել անազնվության համար, սերունդը՝ երբեք։ Դրա համար էլ չեմ կարող ինձ ներել անգործությունս։ Ոչինչ չանելը դավաճանությունից էլ վատ է։ Ես հեռանում եմ։ Արդարացրեք ձեզ, աստված ձեզ պահապան»։ Հը՞, ինչպե՞ս է։ Ոչի՞նչ։
— Շատ լավ է։ Դուք երբեք չե՞ք փորձել արձակ գրել։ Կամ՝ բանաստեղծություն։
— Ոչ։ Եթե գրել կարողանայի, արդյո՞ք կդառնայի․․․— Կլաուսի լեզուն հանկարծ կապ ընկավ և գողունի նայեց Շտիրլիցին։
— Շարունակեք, խենթ խելառ։ Մենք բաց ենք խոսում միմյանց հետ։ Ուզում էիք ասել, թե գրել կարողանայիք, մի՞թե կաշխատեիք մեզ համար։
— Նման մի բան։
— Ոչ թե նման մի բան,— նրան ուղղեց Շտիրլիցը,— այլ հենց դա էիք ուզում ասել, չէ՞։
— Այո։
— Ապրեք։ Ինձ ստելու ի՞նչ հարկ կա։ Վիսկի խմեք և շարժվենք, արդեն մթնել է, շուտով, ուր որ է, կգան։
— Բնակարանը հեռո՞ւ է։
— Անտառում, տասը կիլոմետր կլինի։ Խաղաղ տեղ է, մինչև վաղը քնից կկշտանաք...
Արդեն մեքենայի մեջ Շտիրլիցը հարցրեց.
— Նախկին կանցլեր Բրյունինգի մասին նա բան չասա՞ց։
— Ես ձեզ այդ մասին ասացի՝ տեղնուտեղը ինքնամփոփ դարձավ։ Ես վախեցա առաջ գնալ...
— Ճիշտ եք արել... Շվեյցարիայի մասի՞ն էլ բան չասաց։
— Ոչ մի խոսք։
— Լավ։ Ուրիշ կողմից կմոտենանք։ Կարևորն այն է, որ նա համաձայնել է օգնել կոմունիստին։ Ա՜յ քեզ քահանա։
Շտիրլիցը Կլաուսին սպանեց, կրակելով քունքին։ Նրանք կանգնած էին լճափին։ Այստեղ արգելված գոտի էր, բայց պահակակետը, Շտիրլիցն այդ ստույգ գիտեր, երկու կիլոմետրի վրա էր, արդեն սկսվել էր օդային հարձակումր, իսկ այդ ժամանակ ատրճանակի կրակոցը չի լսվում։ Նա հաշվի առավ, որ Կլաուսը բետոնե հարթակից, որտեղից նախկինում ձուկ էին որսում, ուղիղ ջուրը կընկնի։
Կլաուսը ջուրն ընկավ լուռ, ջվալի պես։ Շտիրլիցն ատրճանակը շպրտեց այնտեղ, ուր ընկավ Կլաուսը (նյարդային հյուծումից ինքնասպանության մեկնակերպը ստեղծվում էր ճշգրտությամբ, նամակներն ուղարկել էր ինքր՝ Կլաուսը), հանեց ձեռնոցներն ու անտառի միջով գնաց դեպի իր մեքենան։ Մինչև Շլագի բնակված գյուղակը քառասուն կիլոմետր էր։ Շտիրլիցը հալվեց, որ այնտեղ կլինի մեկ ժամ հետո, նա կանխատեսել էր ամեն ինչ, նույնիսկ ժամանակի ալիբիի ներկայացման հնարավորությունը...
12.2.1945 (Ժամը 19-ն անց 56 րոպե)
(ՍՍ-ի գրուպպենֆյուրեր, 1030 թվականից ՆՍԴԱՊ[4] անդամ կուսակցական Կրյուգերի բնութագրից․ «Իսկական արիացի, նվիրված ֆյուրերին։ Բնավորությունը՝ նորդական, հաստատուն։ Ընկերների նկատմամբ հավասարակշռված է, մարդամոտ։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Ընտանիքի գերազանց հայր է, իրեն վարկաբեկող կապեր չի ունեցել։ Աշխատանքում իրեն դրսևորել է որպես իր գործի անփոխարինելի վարպետ․․․)
... Այն բանից հետո, երբ 1945 թվականի հունվարին ռուսները մտան Կրակով և այնքան բծախնդրությամբ ականապատված քաղաքն անվնաս մնաց, անվտանգության կայսերական վարչության պետ Կալտենբրունները հրամայեց իր մոտ կանչել գեստապոյի արևելյան վարչության պետ Կլյուգերին։
Կալտենբրունները երկար ժամանակ լռում էր, զննելով գեներալի կոշտ ու կոպիտ դեմքը, ապա շատ մեղմ հարցրեց․
— Որևէ արդարացում ունե՞ք, այնքան օբյեկտիվ, որպեսզի ֆյուրերը հավատա ձեզ։
Գեղջուկի արտաքինով, պարզամիտ թվացող Կրյուգերը սպասում էր այդ հարցին։ Նա պատրաստի պատասխան ուներ։ Բայց պարտավոր էր զգացմունքների մի ամբողջ շարան ցուցադրել, տասնհինգ տարի ՍՍ֊ում և կուսակցության մեջ լինելով, նա դերասանություն էր սովորել։ Գիտեր, որ միանգամից պատասխանել չի կարելի, ինչպես և չի կարելի լիովին վիճարկել իր մեղքը։ Նույնիսկ տանը մեկ֊մեկ հասկանում էր, որ բոլորովին ուրիշ մարդ է դարձել։ Սկզբում նա դեռ հազվադեպ խոսում էր կնոջ հետ, այն էլ շշուկով, գիշերները։ Բայց հատուկ տեխնիկայի զարգացմանը զուգընթաց (իսկ նա բոլորից լավ գիտեր դրա հաջողությունները), նա ընդհանրապես դադարեց րարձրաձայն ասել այն, ինչ ժամանակ առ ժամանակ թույլ էր տալիս իրեն մտածել։ Անգամ անտառում, զբոսնելով կնոջ հետ, լռում էր կամ խոսում դատարկ բաներից, որովհետև ցանկացածդ պահին կենտրոնում կարող էին այնպիսի ապարատ հնարել, որն ի վիճակի կլիներ ձայնագրել մեկ կիլոմետր, գուցե և ավելի տարածությունից։
Այսպես, աստիճանաբար, նախկին Կրյուգերը չքացավ։ Նրա փոխարեն, բոլորին ծանոթ և արտաքնապես ամենևին չփոխված մարդու պատյանի տակ, գոյություն ուներ մեկ ուրիշ, նախկինից սերված, բոլորին բացարձակապես անծանոթ մի գեներալ, որ ոչ միայն վախենում էր ճշմարտությունն ասել, ո՛չ, վախենում էր թույլ տալ իրեն ճշմարիտ մտածել։
— Ոչ,— պատասխանեց Կրյուգերը, խոժոռված, զսպելով հառաչանքը, չափազանց զգացված և ծանր,— բավականաչափ արդարացում չունեմ․․․ Չի էլ կարող լինել։ Ես զինվոր եմ, պատերազմը՝ պատերազմ, և ոչ մի ներողամտություն չեմ սպասում։
Նա ճիշտ էր խաղում։ Նա գիտեր, որ ինչքան ինքն իր նկատմամբ խիստ լինի, այնքան ավելի քիչ զենք կթողնի Կալտենբրունների ձեռքին։
— Կնիկություն մի արեք,— ասաց Կալտենբրունները, ծխախոտ վառելով, և Կրյուգերը հասկացավ, որ ընտրել է իրեն պահելու բացարձակ ճիշտ գիծ։— Պետք է վերլուծել ձախողումը, որպեսզի չկրկնել այն։
Կրյուգերն ասաց.
— Օբերգրուպպենֆյուրեր, ես հասկանում եմ, որ իմ մեղքն անչափ է։ Բայց կկամենայի, որ դուք լսեիք շտանդարտենֆյուրեր Շտիրլիցին։ Նա լիովին տեղյակ էր մեր օպերացիային և կարող է հաստատել. ամեն ինչ նախապատրաստված էր ծայրաստիճան մանրակրկիտ ու բարեխիղճ։
— Շտիրլի՞ցն ինչ կապ ուներ օպերացիայի հետ,— ուսերը ցնցեց Կալտենբրունները։— Նա հետախուզությունից է, Կրակովում նա ուրիշ հարցերով էր զբաղվում։
— Գիտեմ, որ Կրակովում նա անհետացած ՖԱՈՒ-ով էր զբաղվում, բայց ես պարտք համարեցի նրան հաղորդակից դարձնել մեր օպերացիայի բոլոր մանրամասներին, ենթադրելով, որ վերադառնալիս նա կզեկուցի կամ ռայխսֆյուրերին, կամ ձեզ, թե ինչպես ենք կազմակերպել գործը։ Ես լրացուցիչ ցուցումներ էի սպասում ձեզնից, բայց այդպես էլ ոչինչ չստացա։
Կալտենբրունները կանչեց քարտուղարին և նրան ասաց․
— Իմացեք, խնդրեմ, Շտիրլիցը՝ վեցերորդ վարչությունից, եղե՞լ է «Շվարցֆայեր» օպերացիան անցկացնողների ցուցակում։ Իմացեք, Կրակովից վերադառնալուց հետո Շտիրլիցը ղեկավարության մոտ եղե՞լ է ընդունելության և եթե եղել է, ապա ում մոտ։ Հետաքրքրվեք նաև, ի՛նչ հարցեր է շոշափել նա զրույցի ընթացքում։
Կրյուգերը հասկացավ, որ շատ վաղ սկսեց Շտիրլիցին հարվածի տակ դնել։
— Ամբողջ մեղքը մենակ ես եմ կրում,— կրկին խոսեց, նա գլուխը կախ գցած, դժվարությամբ արտաբերելով ծանր ու խուլ բառեր,― շատ ցավալի կլինի ինձ համար, եթե պատժեք Շտիրլիցին։ Ես խորապես հարգում եմ նրան որպես նվիրված մարտիկի։ Ես արդարացում չունեմ և մեղքս կարող եմ միայն արյամբ քավել կռվի դաշտում։
― Իսկ թշնամիների հետ ո՞վ պետք է կռվի այստեղ։ Ե՞ս։ Մենա՞կս։ Հանուն հայրենիքի և ֆյուրերի ռազմաճակատում մեռնելը շատ հասարակ բան է։ Շատ ավելի բարդ բան է այստեղ, ռումբերի տակ ապրելը, շիկացած երկաթով աղտեղությունը խարանելը։ Այստեղ ոչ միայն քաջություն է պետք, այլ նաև խելք։ Մե՜ծ խելք, Կրյուգեր։
Կրյուգերը հասկացավ՝ ռազմաճակատ չեն ուղարկելու։
Անաղմուկ բացելով դուռը, քարտուղարը Կալտենբրունների սեղանին դրեց մի քանի բարակ թղթապանակ։ Կալտենբրունները թերթեց դրանք և սպասողական հայացքով նայեց քարտուղարին։
— Ոչ,— ասաց քարտուղարը,— վերադառնալուն պես Շտիրլիցն անմիջապես անցել է Մոսկվայի համար աշխատող ստրատեգիական հաղորդիչի բացահայտման գործին։
Կրյուգերը որոշեց շարունակել իր խաղը, մտածեց, որ Կալտենբրունները, ինչպես բոլոր դաժան մարդիկ, չափազանց սանտիմենտալ է։
— Օբերգբուպպենֆյուրեր, այնուամենայնիվ խնդրում եմ ձեզ թույլ տալ առաջավոր գիծ գնալ։
— նստեցե՛ք,— ասաց Կալտենբրունները,— դուք գեներալ եք և ոչ թե կնիկ։ Այսօր կարող եք հանգստանալ, իսկ վաղը մանրամասնորեն, դրվագ առ դրվագ, գրեցեք ամեն բան օպերացիայի մասին։ Կմտածենք հետո, թե ուր ուղարկենք ձեզ աշխատելու... Կրյուգեր, մարդիկ քիչ են, գործերը՝ շատ։ Շա՜տ֊շատ են գործերը։
Երբ Կրյուգերը գնաց, Կալտենբրունները կանչեց քարտուղարին և խնդրեց նրան.
— Ինձ համար առանձնացրեք Շտիրլիցի բոլոր գործերը վերջին մեկ-երկու տարում, բայց այնպես, որ Շելլենբերգն այդ մասին չիմանա։ Շտիրլիցն արժեքավոր աշխատող է և համարձակ մարդ, չարժե նրա վրա ստվեր ձգել։ Պարզապես սովորական ընկերական մի փոխստուգում․․․ Եվ հրաման պատրաստեք Կրյուգերի համար, մենք նրան կուղարկենք Պրագա, որպես գեստապոյի պետի տեղակալ՝ թեժ տեղ է․․․
15.2.1945 (Ժամը 20-ն անց 20 րոպե)
(ՍՍ֊ի (ՌՍԽԱ֊ի 4֊րդ բաժանմունք) օբերշտուրմբանֆյուրեր, 1938 թվականից ՆՍԴԱՊ անդամ Խոլտաֆֆի կուսակցական բնութագրից․ «Իսկական արիացի։ Բնավորությունը՝ նորդականին մոտեցող, կայուն։ Աշխատանքային ընկերների հետ լավ հարաբերություններ է պահպանում։ Աշխատանքում գերազանց ցուցանիշներ ունի։ Մարզիկ է։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Ամուսնացած չէ։ Իրեն վարկաբեկող կապեր չի ունեցել։ Ունի ֆյուրերի պարգևատրումները և ՍՍ֊ի ռայխսֆյուրերի շնորհակալությունները․․․»)
Շտիրլիցն ինքն իրեն որոշեց, որ այսօր գործից շուտ կազատվի և Պրինցալբրեխտշտրասսեից կգնա Նաուեն։ Այնտեղ, անտառում, ճամփաբաժնի վրա էր գտնվաւմ Պաուլի փոքրիկ ռեստորանը, և ինչպես մեկ տարի, ինչպես հինգ տարի առաջ, Պաուլի որդին՝ ոտքերը կտրած Կուրտը ինչ֊որ հրաշքով խոզի միս էր գտնում և իր մշտական հաճախորդներին հյուրասիրում էր իսկական այսբայնով։
Երբ ռմբակոծություն չէր լինում, թվում էր, թե պատերազմ ընդհանրապես չկա։ Այնպես, ինչպես և նախկինում , նվազում էր ռադիոլան և Բրունո Վարնկեի թավ ձայնը երգում էր. «Օ՜, ինչ հիասքանչ էր այնտեղ, Մոգելզեեում...»։
Բայց այդպես էլ Շտիրլիցին չհաջողվեց շուտ ազատվել։ Նրա մոտ մտավ Խոլտոֆֆը գեստապոյից և ասաց․
— Ես խճճվել եմ ամբողջովին։ Կամ իմ բանտարկյալը հոգեպես լիարժեք չէ, կամ պետք է նրան ձեզ՝ հետախուզությանը հանձնել, որովհետև նա կրկնում է այն, ինչ ռադիոյով ասում են այդ անգլիական խոզերը։
Շտիրլիցը գնաց Խոլտոֆֆի աշխատասենյակ և նստեց֊մնաց այնտեղ մինչև ժամը իննը, լսելով տեղական գեստապոյի կողմից Վանզեեում ձերբակալված աստղագետի հիստերիկան։
― Մի՞թե դուք աչքեր չունեք,— բղավում էր աստղագետը,— մի՞թե չեք հասկանում, որ ամեն ինչ վերջացած է։ Մենք կորանք։ Մի՞թե դուք չեք հասկանում, որ ներկայումս յուրաքանչյուր նոր զոհը վանդալիզմ է։ Դուք անընդհատ պնդում էիք, թե ապրում եք հանուն ազգի։ Ուրեմն, հեռացե՛ք, օգնեցե՛ք ազգի մնացուկներին։ Դուք կործանման եք դատապարտում դժբախտ մանուկներին։ Դուք ֆանատիկոսներ եք, իշխանությանը տիրացած ագահ ֆանատիկոսներ։ Դուք կուշտ եք, սիգարեթներ եք ծխում և սուրճ խմում։ Թողե՛ք, որպեսզի մենք մարդավարի ապրենք։— Աստղագետը հանկարծ անշարժացավ, սրբեց քունքերի քրտինքը և կամացուկ ավարտեց.— կամ թե սպանեք ինձ հենց հիմա, այստեղ...
— Սպասեցեք,— ասաց Շտիրլիցը։— Բղավոցը փաստարկ չէ։ Դուք որևէ կոնկրետ առաջարկություններ ունե՞ք։
— Ի՞նչ,— վախեցած հարցրեց աստղագետը։
Շտիրլիցի հանգիստ ձայնը, թեթևակի ժպտալով անշտապ խոսելաձևը շշմեցրին աստղագետին. բանտում նա արդեն վարժվել էի բղավոցին և քիթուբերանին հասցնելուն. նման բաներին շուտ վարժվում են, դանդաղ ետ սովորում։
— Ես հարցնում եմ. որո՞նք են ձեր կոնկրետ առաջարկությունները։ Մենք ինչպե՞ս փրկենք երեխաներին, կանանց, ծերերին։ Դրա համար ի՞նչ եք առաջարկում անել։ Քննադատելն ու չարամտելը միշտ ավելի հեշտ է։ Գործողության խելացի ծրագիր առաջ քաշելը շատ ավելի դժվար է։
— Ես Ժխտում եմ աստղագուշակությունը,— պատասխանեց աստղագետը,— բայց խոնարհվում եմ աստղագիտության առջև։ Ինձ ամբիոնից զրկեցին Բոննում...
— Ուրեմն, ահա թե ինչու ես փրփրում, շո՛ւն,— բղավեց Խոլտոֆֆը։
— Սպասեցեք,— ասաց Շտիրլիցը, զայրացած խոժոռվելով,— բղավել, իրոք, պետք չէ... Շարունակեք, խնդրեմ։
— Մենք անհանգիստ արեգակի տարի ենք ապրում։ Պրոտուրերանցների պայթյունները, արեգակնային էներգիայի վիթխարի լրացուցիչ մասսայի հաղորդումը ազդում են լուսատուների վրա, մոլորակների և աստղերի վրա, ազգում են մեր փոքրիկ մարդկության վրա...
— Հավանաբար, դուք ինչ֊որ բախտացույց եք պատրաստել,— հարցրեց Շտիրլիցը։
— Բախտացույցը ներըմբռնողական, գուցե նույնիսկ հանճարեղ չապացուցվածություն է։ Ո՛չ, ես ելնում եմ unվորական, ամենևին էլ ոչ հանճարեղ վարկածից, որը փորձել եմ առաջ քաշել՝ երկրի վրա բնակվող յուրաքանչյուր արարածի փոխադարձ կապը երկնքի և արեգակի հետ... Եվ այդ փոխադարձ կապն օգնում է ինձ ավելի ստույգ և զգաստ գնահատել իմ հայրենիքի հողի վրա կատարվածը...
— Հետաքրքիր կլիներ ձեզ հետ այդ թեմայով մանրամասնորեն զրուցել,— ասաց Շտիրլիցը։— Հավանորեն, իմ ընկերն այժմ թույլ կտա ձեզ խուց գնալ և մի երկու օր հանգստանալ, իսկ հետո մենք կանդրադառնանք այդ խոսակցությանը։
Երբ աստղագետին տարան, Շտիրլիցն ասաց․
— Նա որոշ չափով անմեղսունակ է, մի՞թե չես տեսնում։ Բոլոր գիտնականները, գրողները, դերասանները յուրովի անմեղսունակ են։ Հատուկ մոտեցում է պետք նրանց նկատմամբ, որովհետև նրանք ապրում են իրենց իսկ հորինած կյանքով։ Այդ խելառին ուղարկիր մեր հիվանդանոց՝ փորձաքննության։ Հիմա մենք շատ ավելի լուրւ աշխատանք ունենք, որպեսզի ժամանակ վատնենք անպատասխանատու, թեկուզ և տաղանդավոր շատախոսների վրա։
— Բայց նա խոսում է որպես իսկական անգլիացի, լոնդոնյան ռադիոյից... կամ որպես անիծյալ սոցիալ-դեմոկրատ, որ խոսքը մեկ է արել Մոսկվայի հետ։
— Մարդիկ ռադիո են հնարել, որպեսզի լսեն։ Ահա և աստղագետը շատ է լսել։ Չէ, լուրջ բան չկա։ Նպատակահարմար կլինի նրան մի երկու օր հետո հանդիպել։ Եթե նա լուրջ գիտնական է, Մյուլլերի կամ Կալտենբրունների մոտ կգնանք ու կխնդրենք լավ օրապարեն տալ նրան և տեղափոխել սարերը, ուր հիմա մեր գիտության ընտրանին է։ Թող աշխատի, իսկույն կդադարի շատախոսել, երբ հացն ու կարագը շատ կլինի, երբ հարմար տնակ կլինի սոճու անտառում, և ոչ մի ռմբակոծություն... Այդպես չէ՞։
Խոլտոֆֆը քմծիծաղեց.
— Այն ժամանակ ոչ մեկն կ չէր շատախոսի, եթե յուրաքանչյուրը մի տնակ ունենար սարերում, հացն ու կարագը շատ լիներ ու ոչ մի ռմբակոծություն...
Շտիրլիցն ուշադիր նայեց Խոլտոֆֆին, սպասեց, մինչև սա, չդիմանալով իր հայացքին, սկսեց շփոթված տեղաշարժել սեղանի թղթերը և միայն դրանից հետո լայն ու բարեկամաբար ժպտաց աշխատանքային իր կրտսեր ընկերոքը...
15.2.1945 (Ժամը 20-ն անց 44 րոպե)
«Ֆյուրերի մոտ կայացած խորհրդակցության սղագրությունը
Ներկա էին Քեյթելը, Յոդլը, դեսպանորդ Խավելը արտաքին գործերի մինիստրությունից, ռայխսլայտեր Բորմանը, ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր Ֆյոգելյայնը, ՍՍ-ի ռայխսֆյուրերի ռազմակայանի դեսպանորդ, արդյունաբերության ռայխսմինիստր Շպեերը, ինչպես և ադմիրալ Ֆոսսը, երրորդ կարգի կապիտան Լյուդդե-Նոյրաթը, ադմիրալ ֆոն Պուտկամերը, համհարզներ, սղագրուհիներ։
Բորման․ — Այղ ո՞վ է անընդհատ քայլում այդտեղ։ Խանգարում է։ Եվ խնդրում եմ, պարոնայք զինվորականներ, մի քիչ ավելի ցածրաձայն։
Պուտկամեր․ ― Ես խնդրեցի գնդապետ ֆոն Բելովին ինձ տեղեկություն տալ Իտալիայում «Լյուֆտվաֆֆե»֊ի վիճակի մասին։
Բորման․ — Ես գնդապետի մասին չասացի։ Խոսում են բոլորը, և դա ստեղծում է հոգնեցնող, մշտական աղմուկ։
Հիտլեր․ — Ինձ դա չի խանգարում։ Պարոն գեներալ, քարտեզի վրա չեն անցկացված այսօրվա դրությամբ փոփոխությունները Կուրլյանդիայում։
Յոդլ․ — Իմ ֆյուրեր, դուք ուշադրություն չեք դարձրել, ահա այս առավոտյան ճշտումները։
Հիտլեր․ — Քարտեզի վրա շատ մանր շրիֆտ է։ Շնորհակալություն, հիմա տեսա։
Քեյթել․ — Գեներալ Գուդերիանը նորից պնդում է, որպեսզի մեր դիվիզիաները դուրս բերենք Կուրլյանդիայից։
Հիտլեր․ — Դա ոչ խելացի պլան է։ Հիմա գեներալ Ռենդուլիչի զորքերը, որոնք մնացել են ռուսների խորը թիկունքում, Լենինգրադից չորսհարյուր կիլոմետրի վրա, իրենց կողմն են քաշում քառասունից յոթանասուն ռուսական դիվիզիա։ Եթե այնտեղից, հանենք մեր զորքերը, Բեռլինի տակ ուժերի փոխհարաբերությունն իսկույն կփոխվի, ամենևին էլ ոչ մեր օգտին, ինչպես դա թվում է Գուդերիանին։ Եթե մենք զորքերը հանենք Կուրլյանդիայիյց, ապա Բեռլինի տակ գերմանական յուրաքանչյուր դիվիզիային ծայրահեղ դեպքում ռուսական երեք դիվիզիա կընկնի։
Բորման․ ― Հարկավոր է զգաստ քաղաքագետ լինել, պարոն ֆելդմարշալ․․․
Քեյթել․ — Ես զինվորական եմ, ոչ թե քաղաքագետ։
Բորման․ — Համընդհանուր պատերազմի դարում դրանք անքակտելի հասկացություններ են։
Հիտլեր․ — Ներկայումս Կուրլյանդիայում կանգնած մեր զորքերը էվակուացնելու համար, Լիրավյան օպերացիայի փորձը նկատի առնելով, ծայրահեղ դեպքում կպահանջվի կես տարի։ Դա ծիծաղելի է։ Մեզ ժամեր, այո՛, հենց ժամեր են մնացել հաղթանակի հասնելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով կարող է տեսնել, վերլուծել, հետևություն անել, պարտավոր է պատասխանել սոսկ մի հարցի՝ հնարավո՞ր է մոտալուտ հաղթանակը։ Ըստ որում, ես չեմ խնդրում, որպեսզի պատասխանն իր կատեգորիկ բնույթով կույր լինի։ Ինձ կույր հավատ պետք չէ, ես գիտակցված հավատ եմ փնտրում։ Աշխարհը դեռ երբեք իր հակասականությամբ նման պարադոքսային միություն չի իմացել, ինչպիսին դաշնակիցների կոալիցիան է։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանի, Անգլիայի և Ամերիկայի նպատակները տրամագծորեն հակասական են, մեր նպատակը պարզ է բոլորիս։ Այն ժամանակ, երբ նրանք շարժվում են, առաջնորդվելով իրենց գաղափարախոսական ձգտումների տարբերությամբ, մենք շարժվում ենք միակ ձգտմամբ, դրան է ենթակա մեր կյանքը։ Այն ժամանակ, երբ նրանց միջև հակասություններն աճում են ու դեռ պիտի աճեն, մեր միասնությունն այժմ, քան երբևիցե, ձեռք է բերել այն միակուռ տեսքը, որին ձգտել եմ այս ծանր ու մեծ կամպանիայի երկար տարիների ընթացքում։ Դիվանագիտական կամ այլևայլ ճանապարհներով նպաստել մեր թշնամիների դաշինքի խախտմանը՝ ուտոպիա է։ Լավագույն դեպքում է ուտոպիա, եթե խուճապի դրսևորումը և ամենայն հեռանկարի կորուստը չլիներ։ Սոսկ ռազմական հարվածներ հասցնելով նրանց, սոսկ մեր ոգու անընկճելիությունը և մեր հզորության անսպառությունը ցուցադրելով մենք կարագացնենք վախճանն այդ դաշինքի, որը քարուքանդ կլինի մեր հաղթական զենքի դղրդյունի ներքո։ Արևմտյան դեմոկրատիաների վրա ոչինչ այնպես չի ազդում, ինչպես ուժի ցուցադրումը։ Ոչինչ այնպես չի սթափեցնում Ստալինին, ինչպես Արևմուտքի շփոթվածությունը մի կողմից և մեր հարվածները՝ մյուս կողմից։ Նկատի ունեցեք, հիմա Ստալինը պատերազմ է մղում ոչ Բրյանսկի անտառներում, ոչ էլ Ուկրաինայի դաշտերում։ Նա իր զորքերը պահում է Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի տերիտորիաներում։ Ռուսները, մտնելով «ոչ հայրենիքի» հետ ուղղակի շփման մեջ, արդեն թուլացած են և որոշակի չափով բարոյալքված։ Բայց ես ոչ ռուսների և ոչ էլ ամերիկացիների վրա եմ այժմ առավելագույն ուշադրություն դարձնում։ Իմ հայացքն ուղղում եմ գերմանացիների կողմը։ Միայն մեր ազգը կարող է և պարտավոր է հաղթանակ տանել։ Ներկայումս ամբողջ երկիրը ռազմական ճամբար է դարձել։ Ամբողջ երկիրը՝ ես նկատի ունեմ Գերմանիան, Ավստրիան, Նորվեգիան, Հունգարիայի և Իտալիայի մի մասը, Չեխիայի և Բոհեմիայի պրոտեկտորատի նշանակալի մասը, Դանիան և Հոլանդիայի մի մասը։ Դա եվրոպական քաղաքակրթության սիրտն է։ Դա հզորության կենտրոնացում է՝ նյութական և հոգևոր։ Մեր ձեռքն է ընկել հաղթանակի նութը։ Մեզնից՝ զինվորականներիցս է կախված հիմա, թե որչափ արագ կօգտագործենք այդ նյութը, հանուն մեր հաղթանակի։ Հավատպցեք ինձ՝ մեր բանակների առաջին իսկ կործանիչ հարվածներից հետո դաշնակիցների կոալիցիան կքայքայվի։ Նրանցից յուրաքանչյուրի եսապաշտական շահերը կգերազանցեն խնդրի ստրատեգիական տեսունակությունը։ Հանուն մեր հաղթանակի ժամի մոտեցման ես առաջարկում եմ հետևյալը, ՍՍ-ի վեցերորդ տանկային բանակը սկսում է հակահարձակում Բուդապեշտի տակ, այդպիսով ապահովելով նացիոնալ֊սոցիալիզմի հարավային բաստիոնի հուսալիությունը Ավստրիայում և Հունգարիայոլմ մի կողմից, և ռուսներին թևից շրջանցելու նախապատրաստությունը մյուս կողմից։ Հաշվի առեք, որ հենց այնտեղ, հարավում, Նադկանիժեում մենք յոթանասունհազար տոննա նավթ ունենք։ Նավթը պատերազմի երակներում բաբախող արյունն է։ Ավելի շուտ ես կգնամ Բեռլինը հանձնելուն, քան այդ նավթը կորցնելուն, որն ինձ երաշխավորում է Ավստրիայի անմատչելիությունը, նրա ընդհանրությունը Կեսսելրինգի իտալական միլիոնանոց խմբավորման հետ։ Այնուհետև, «Վիսլա» բանակի խումբը, հավաքելով ռեզերվները, կանցկացնի վճռական հակահարձակում ռուսների թևերում, դրա համար օգտաղործելով Պոմերանյան պլացդարմը։ ՍՍ-ի ռայխսֆյուրերի զորքերը, ճեղքելով ռուսների պաշտպանությունը, դուրս են գալիս նրանց թիկունքը և նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնում։ Շտետինյան խմբավորման աջակցությամբ նրանք կտրում են ռուսների ճակատը։ Ռեզերվներ հասցնելու հարցը Ստալինի համար հարցերի հարցն է։ Տարածությունները նրա դեմ են։ Տարածություններն, ընդհակառակը, մեր կողմն են։ Բեոլինը շրջափակող պաշտպանական յոթ գծերը, որոնք քաղաքը գործնականորեն անմատչելի են դարձնում, թույլ կտան մեզ խախտել ռազմական արվեստի կանոնները և արևմուտք տեղափոխել զորքի նշանակալի խմբեր հարավից և հյուսիսից։ Մենք ժամանակ կունենանք, Ստալինից երկու-երեք ամիս կպահանջվի ռեզերվների վերախմբավորման համար, իսկ մեզ համար բանակների տեղափոխումը հինգ օրվա գործ է։ Գերմանիայի տարածությունները հնարավորություն են տալիս այդ անել, մարտահրավեր նետելով ստրատեգիայի ավանդույթներին։
Յոդլ․ — Համենալն դեպս, ցանկալի կլիներ այդ հարցը կապակցել ստրատեգիայի ավանդույթներին․․․
Հիտլեր․ — Խոսքը մանրամասների մասին չէ, այլ ամբողջի։ Վերջիվերջո, մանրամասները միշտ էլ կարող են լուծվել շտաբներում նեղ մասնագետների ուժերով։ Զինվորականներն ունեն ավելի քան չորս միլիոն մարդ կազմակերպված դիմադրության զորեղ բռունցք։ Խնդիրն այն է, որպեսզի դիմադրության այդ զորեղ բռունցքը կազմակերպել, դարձնել հաղթանակի խորտակիչ հարված։ Ներկայումս մենք կանգնած ենք 1938 թվականի օգոստոսի սահմաններին։ Մենք միաձույլ ենք։ Մե՛նք՝ գերմանացի ազգս։ Մեր ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավել սպառազենք է արտադրում, քան 1939 թվականին։ Մեր բանակը երկու անգամ ավել է, քան այն թվականին։ Սարսափելի է մեր ատելությունը, իսկ հաղթանակի կամքը՝ անչափելի։ Այսպես, ես հարցնում եմ ձեզ․ մի՞թե մենք խաղաղություն չենք նվաճի պատերազմի ճանապարհով։ Մի՞թե ռազմական հաջողությունը քաղաքական հաջողություն չի ծնի։
Քեյթել․ ― Ինչպես ասաց ռայխսլայտեր Բորմանը՝ զինվորականն այժմ միաժամանակ քաղաքագետ է։
Բորման․ — Իսկ համաձայն չե՞ք։
Քեյթել․ ― Համաձայն եմ։
Հիտլեր․ ― Ես խնդրում եմ, պարոն ֆելդմարշալ, վաղն ինձ համար կոնկրետ առաջարկություններ նախապատրաստել։
Քեյթել․ — Այո՛, իմ ֆյուրեր։ Մենք կպատրաստենք՝ ընդհանուր նախանշումներ, և եթե հավանություն տաք, կսկսենք բոլոր մանրամասների մշակումը»։
Երբ խորհրդակցությունն ավարտվեց և բոլոր հրավիրվածները ցրվեցին, Բորմանն իր մոտ կանչեց երկու սղագրուհու։
— Խնդրեմ, շտապ վերծանեք այն, ինչ հիմա կթելադրեմ, և ռազմակայանի անունից ուղարկեք վերմախտի բոլոր բարձրագույն սպաներին․․․
Փետրվարիդ 15-ի իր պատմական ճառում մեր ֆյուրերը լուսաբանելով ռազմաճակատներում գոյություն ունեցող վիճակը, մասնավորապես ասաց․ «Աշխարհը դեռ երբեք իր հակասականությամբ նման պարադոքսային միություն չի իմացել, ինչպիսին դաշնակիցների կոալիցիան է»։ Շարունակեք․․․
«Նրանք ո՞ւմ տեղն են ինձ դրել այնտեղ»
(Հանձնարարություն)
(ՍՍ֊ի (ՌՍԽԱ֊ի 6֊րդ բաժանմունք) շտանդարտենֆյուրեր, 1933 թվականից ՆՍԴԱՊ անդամ ֆոն Շտիրլիցի կուսակցական բնութագրից․ «Իսկական արիացի է։ Բնավորությունը՝ նորդական, հաստատակամ։ Աշխատանքային ընկերների հետ պահպանում է լավ հարաբերություններ։ Անթերի է կատարում իր պարտականությունները։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Գերազանց մարզիկ է՝ Բեռլինի չեմպիոն է թենիսի գծով։ Ամուրի է, իրեն վարկաբեկող կապերի մեջ չի նկատվել։ Ունի ֆյուրերի պարգևատրումները և ՍՍ֊ի ռայխսֆյուրերի շնորհակալությունները․․․»)
Շտիրլիցն իր տուն եկավ, երբ նոր֊նոր էր սկսում մթնել։ Նա սիրում էր փետրվարը, ձյուն համարյա չկար, առավոտները սոճիների բարձր կատարները լուսավորում էր արևը, և թվում էր, թե արդեն ամառ է և կարելի է գնալ Մոգելզեե՝ ձուկ բռնելու կամ ճոճաթոռի մեջ քնելու։
Այստեղ, Բաբելսբերգի իր փոքրիկ առանձնատանը, բոլորովին մոտ Պոտսդամին, նա այժմ մենակ էր ապրում, նրա տնտեսուհին մի շաբաթ առաջ գնացել էր Թյուրինգիա, բարեկամուհու մոտ՝ նյարդերը չէին դիմացել անվերջանալի ռմբակոծություններին։
Հիմա տունը հավաքում էր «Դեպի որսորդը» պանդոկի տիրոջ դեռատի դուստրը։
«Հավանաբար, սաքսոնուհի է,— մտածում էր Շտիրլիցը, հետևելով, թե աղջիկն ինչպես մեծ փոշեծծիչով մաքրում էր հյուրասենյակը,— սևուկ է, իսկ աչքերը կապույտ են։ Ճիշտ է, բեռլինյան առոգանություն ունի, բայց մեկ է, հավանաբար նա Սաքսոնիայից է»։
— Ժամը քանի՞սն է, — հարցրեց Շտիրլիցը։
— Յոթի մոտ․․․
Շտիրլիցը քմծիծաղեց, «Երջանի՜կ աղջիկ... նա իրեն կարող է թույլ տալ այդ «յոթի մոտ»֊ը։ Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր կարող են ազատ վարվել ժամանակի հետ, ամենևին չվախենալով հետևանքներից․․․ Բայց Բեռլինյան առոգանությամբ է խոսում, հաստա՛տ։ Նույնիսկ մեկլենբուրգյան բարբառի թէթև խառնուրդով․․․»
Լսելով տանը մոտեցող ավտոմեքենայի աղմուկը, նա ձայն տվեց.
— Աղջիկս, մի տես քամին էդ ո՞ւմ է բերել։
Ներս նայելով փոքրիկ առանձնասենյակը, ուր Շտիրլիցը նստած էր բուխարու մոտ, բազմոցին, աղջիկն ասաց․
— Ձեզ մոտ մի պարոն է եկել ոստիկանությունից։
Շտիրլիցը վեր ելավ, կոտրատեց մարմինը և գնաց նախասենյակ։ Այնտեղ կանգնած էր ՍՍ֊ի մի ունտերշարֆյուրեր, ձեռքին՝ մեծ զամբյուղ։
— Պարոն շտանդարտենֆյուրեր, ձեր վարորդը հիվանդացել է, նրա փոխարեն ես բերեցի պարենը...
— Շնորհակալ եմ,— պատասխանեց Շտիրլիցը,— դրեք սառնարանը։ Աղջիկը կօգնի ձեզ։
Նա ճանապարհ չդրեց ունտերշարֆյուրերին, երբ սա դուրս գնաց։ Նա բացեց աչքերը, երբ միայն անլսելի առանձնասենյակ մտավ աղջիկն ու դռան մոտ կանգնած կամացուկ ասաց.
— Եթե հերր Շտիրլիցը կամենում է, ես կարող եմ գիշերն էլ մնալ։
«Աղջիկն առաջին անգամ է այդքան մթերք տեսել,— հասկացավ Շտիրլիցը,— խե՜ղճ աղջիկ»։
Նա բացեց աչքերը, նորից ձգմգվեց ու պատասխանեց.
— Աղջիկս... երշիկի կեսը և պանիրը կարող ես քեզ վերցնել առանց դրա․․․
— Ի՜նչ եք ասում, հերր Շտիրլից,— պատասխանեց աղջիկը,— մթերքի համար չեմ ասում...
— Դու սիրահարված ես ինձ, հա՞։ Խելագարվում ես ինձ համար։ Երազիդ ալեխառն մազերս ես տեսնում, չէ՞։
— Աշխարհում ամենից շատ ինձ դուր են գալիս ալեխառն մազերով տղամարդիկ։
— Դե, լավ, աղջիկս, ալեխառն մազերին մենք դեռ կանդրադառնանք։ Քո ամուսնությունից հետո։ Անունդ ի՞նչ էէ
— Մարի... ես ասացի, չէ՞... Մարի։
— Հա՛, հա՛, կներես, Մարի։ Վերցրու երշիկն ու կոկետություն մի արա։ Քանի՞ տարեկան ես։
— Տասնինն։
— Օ՜, արդեն կարգին մեծ աղջիկ ես։ Վաղո՞ւց ես եկել Սաքսոնիայից։
— Վաղուց։ Այն ժամանակից, երբ այստեղ տեղափոխվեցին ծնողներս։
— Դե, գնա, Մարի, գնա հանգստացիր։ Թե չէ վախենում եմ, հանկարծ սկսեն ռմբակոծել, քեզ համար էլ սարսափելի կլինի ռմբակոծության տակ գնալը։
Երբ աղջիկը գնաց, Շտիրլիցը լուսամուտները ծածկեց լուսաքողարկիչ ծանր վարագույրներով ու վառեց սեղանի լամպը։ Կոարավ բուխարու վրա և նոր միայն նկատեց, որ փայտերը շարված են այնպես, ինչպես ինքը սիրում է. հավասար, մեկումեջ, և նույնիսկ կեչու կեղևը դրված է կապույտ, կոպիտ ամանի մեջ։
«Ես նրան չեմ ասել այս մասին։ Թե չէ... Ասել եմ։ Թոուդիկ... Աղջիկը հիշել գիտե,— մտածեց նա վառելով կեղևը,— երիտասարդների մասին մենք միշտ մտածում ենք ինչպես ծեր ուսուցիչներ և կողքից դա անպայման շատ ծիծաղելի է։ Իսկ ես արդեն վարժվել եմ ինձ ձերունի համարել՝ քառասունյոթ տարեկան...»։
Շտիրլիցն սպասեց մինչև կրակը բորբոքվեց բուխարու մեջ, մոտեցավ ընդունիչին ու միացրեց։ Նա Մոսկվա էր լսում՝ հնագույն ռոմանսներ էին հաղորդում։ Շտիրլիցը հիշեց, թե ինչպես մի անգամ Գյորինգն ասաց իր շտաբականներին. «Հակահայրենասիրական բան է թշնամական ռադիո լսելը, բայց մեկ-մեկ շատ եմ ուզում լսել, թե ինչ բարբաջանք են մեր մասին դուրս տալիս նրանք»։ Այն մասին, որ Գյորինգը թշնամական ռադիո է լսում, հայտնել էին և՛ նրա սպասուհին, և՛ վարորդը։ Եթե «№ 2 նացին» այդպիսով փորձում է ալիբի սարքել իր համար, ապա դա վկայում է նրա վախկոտությունը և լիակատար անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ։ Ընդհակառակը, մտածում էր Շտիրլիցը, հարկ չկար, որպեսզի Գյորինգը թաքցներ, թե ինքը թշնամական ռադիո է լսում։ Արժեր պարզապես մեկնաբանել թշնամու հաղորդումները, կոպիտ կերպով ծաղրել դրանք։ Դա անպայման կազդեր Հիմմլերի վրա, որն աչքի չէր ընկնում մի առանձին նուրբ մտածողությամբ։
Ռոմանսն ավարտվեց դաշնամուրի մեղմ վերջնանվագով։ Մոսկովյան դիկտորի՝ հավանորեն գերմանացու, հեռավոր ձայնը սկսեց հաղորղել այն հաճախականությունները, որոնցով պետք էր լսել հաղորդումները ուրբաթ և չորեքշաբթի օրերը։ Շտիրլիցը գրում էր թվերը․ դա ի՛ր համար նախատեսված հաղորդում էր։ Արդեն վեց օր ինքը դրան էր սպասում։ Նա գրեց թվերը մի հավասար սյունակով, դրանք շատ էին, և ըստ երևույթին երկյուղելով, որ Շտիրլիցը չի հասցնի բոլորը գրառել, դիկտորը կարդաց դրանք երկրորդ անգամ։
Գրապահարանից Շտիրլիցը վերցրեց Մոնտենի հատորիկը, թվերը բառերի վերածեց և այդ բառերը համեմատեց գաղտնագրի հետ, որը թաքնված էր ֆրանսիացի մեծ ու հանգիստ մտածողի իմաստուն ճշմարտությունների միջև։
«Ո՞ւմ տեղ են դրել ինձ,— մտածեց նա։— հանճարե՞ղ եմ, թե ամենազոր։ Անհավանական բան է․․․»
Շտիրլիցն այդպես մտածելու բոլոր հիմքերն ուներ, որովհետև մոսկովյան ռադիոյի միջոցով նրան հաղորդված հանձնարարությունը սա էր.
«Ալեքսը՝ Յուստասին
Ըստ մեր տեղեկությունների, Շվեդիայում և Շվեյցարիայում երևացել են ՍԴ֊ի անվտանգության ծառայության և ՍՍ֊ի բարձրագույն սպաներ, որոնք ելք են փնտրել դեպի դաշնակիցների ռեզիդենտուրաները։ Մասնավորապես, Բեռլինում, ՍԴ֊ի մարդիկ փորձել են կապ հաստատել Ալեն Դալլեսի աշխատողների հետ։ Անհրաժեշտ է ձեզ պարզել, թե այդ կապերի փորձերը 1) մոլորեցում են, 2) ՍԴ֊ի բարձրագույն սպաների անձնական նախաձեռնություն են, թե 3) կենտրոնի առաջադրանքի կատարում։
Այն դեպքում, եթե ՍՍ-ի և ՍԴ֊ի այդ աշխատակիցները Բեռլինի հանձնարարությունն են կատարում, անհրաժեշտ է պարզել, թե ով է նրանց ուղարկել այդ հանձնարարությամբ։
Կոնկրետ՝ ռայխի բարձրագույն ղեկավարներից ով է կապեր փնտրում Արևմուտքի հետ։
Ալեքս»
Ալեքսը սովետական հետախուզության ղեկավարն էր, իսկ Յուստասն ինքն էր, շտանդարտենֆյուրեր Շտիրլիցը, որը Մոսկվայում հայտնի էր որպես գնդապետ Մաքսիմ Մաքսիմովիչ Իսաև լոկ երեք բարձրաստիճան ղեկավարների․․․
... Այդ հեռագիրը Յուստասի ձեռքն ընկնելուց վեց օր առաջ Ստալինը, ծանոթանալով արտասահմանում սովետական գաղտնի ծառայության վերջին հաղորդումներին, «Բլիժնայա դաչա» կանչեց հետախուզության պետին և նրան ասաց․
— Միայն քաղաքականության մեջ նախադպրոցականները կարող են Գերմանիան վերջնականապես ուժասպառել, դրա համար էլ անվտանգ համարել... Գերմանիան մինչև վերջ սեղմված զսպանակ է, որը պետք է և կարելի է կոտրել, հավասարաչափ հզոր ջանքեր գործադրելով երկու կողմից։ Հակառակ դեպքում, եթե մի կողմից ճնշումը փոխվի դիմհար անելու, զսպանակը կարող է ուղղվելով հարվածել հակառակ ուղղությամբ։ Եվ դա ուժեղ հարված կլինի, նախ, որովհետև հիտլերականների ֆանատիզմն առաջվա պես ուժեղ է և երկրորդ, որովհետև Գերմանիայի ռազմական պոտենցիալը բոլորովին էլ չի սպառվել մինչև վերջ։ Դրա համար էլ Արևմուտքի հակասովետականների հետ ֆաշիստների համաձայնության ամեն տեսակի փորձերը ձեր կողմից պետք է դիտվեն որպես ռեալ հնարավորության։ Բնականաբար,— շարունակեց Ստալինը,— ձեզ հաշիվ պիտի տաք, որ այդ հնարավոր սեպարատ բանակցություններում գլխավոր գործող անձինք կլինեն ավելի շուտ Հիտլերի մերձավորագույն զինակիցները, որոնք հեղինակություն ունեն և՛ կուսակցական ապարատի, և՛ ժողովրդի մոտ։ Նրանք՝ Հիտլերի մերձավորազույն զինակիցները, պետք է դառնան ձեր խիստ ուշադիր հսկողության առարկան։ Անվիճելի է, որ կործանման եզրին կանգնած բռնակալի մերձավորազույն զինակիցները կդավաճանեն նրան, որպեսզի փրկեն իրենց կյանքը։ Դա աքսիոմա է քաղաքական ցանկացած խաղի մեջ։ Եթե ձեզնից վրիպեն հնարավոր այդ գործողությունները, ձեր մեղքը՝ ձեր վիզը։ Չեկան անխնա է,— ծխամորճն անշտապ վառելով, լրացրեց Ստալինը,— ոչ միայն թշնամիների նկատմամբ, այլ նաև նրանց, ովքեր թքնամուն հաղթանակի շանո են տալիս, կամա թե ակամա...
Ինչ֊որ տեղ, հեռվում ոռնացին օդային տագնապի շչակները և տեղնուտեղը սկսեցին կաղկանձել զենիթային հրանոթները։ Էլեկտրակայանը լույսն անջատեց, և Շտիրլիցը երկար նստեց բուխարու մոտ։
«Եթե փակեմ խողովակը,— ծուլորեն մտածեց նա,— երեք ժամ հետո կքնեմ։ Այսպես ասած, ի տեր հանգեավ... Քիչ էր մնացել, այդպես խեղդվելուց պրծանք տատիկի հետ Ցակիմանկայում, երբ նա ժամանակից շուտ փակեց վառարանը, իսկ դրա մեջ դեռ ճիշտ այսպիսի փայտեր կային՝ սև-կարմիր, նույնպիսի կապույտ կրակներով։ Իսկ ծուխը, որից թունավորվեցինք, անգույն էր։ Եվ բոլորովին անհոտ․․․ իմ կարծիքով...»
Սպասելով մինչև խանձողները լրիվ սևացան և երբ այլևս չկային օձանման կապույտ կրակներ, Շտիրլիցը փակեց խողովակը և վառեց մեծ մոմը։
Մերձակայքում իրար վրա երկու ծանր պայթյուն լսվեց։ «Ֆուգասներ են,— որոշեց նա։— Լավ ֆուգասներ են։ Տղաները հրաշալի են ռմբակոծում։ Պարզապես հոյակապ են ռմբակոծում։ Իհարկե, ցավալի կլինի, եթե վերջին օրերը թրխկացնեն: Մերոնք հետքս էլ չեն գտնի։ Ընդհանրապ ես գարշելի բան է անհայտ մեռնելը։ Սաշենկա,— հանկարծ նա տեսավ կնոջ դեմքը,— փոքր Սաշենկա և մեծ Սաշենկա... Հիմա իսկի միտք չունի շունչ փչել։ Հիմա պետք է ինչ գնով էլ լինի ողջ պրծնել։ Մենակ հեշտ է ապրել, որովհետև սարսափելի չէ զոհվելը։ Իսկ որդուն տեսնելուց հետո սարսափելի է մեռնելը»։
Նա հիշեց իր պատահական հանդիպումը որդու հետ Կրակովում, ուշ գիշերով։ Նա հիշեց, թե ինչպես որդին եկավ իր մոտ՝ հյուրանոց և ինչպես իրենք, ռադիոն միացրած, փսփսում էին և որքան տանջալի էր նրանից հեռանալը։ Որդին ճակատագրի կամոք իր ուղին էր ընտրել։ Շտիրլիցը գիտեր, որ որդին այժմ Պրագայում է, որ պետք է այդ քաղաքը փրկի պայթեցումից ճիշտ այնպես, ինչպես ինքը և մայոր Վիխրը փրկեցին Կրակովը։
...Քառասուներկու թվականին, Վելիկիե Լուկիի տակ, ռմբակոծության ժամանակ զոհվեց Շտիրլիցի վարորդը՝ լռակյաց, մշտաժպիտ Ֆրից Ռոշկեն։ Ազնիվ տղա էր. Շտիրլիցը գիտեր, որ նա հրաժարվել էր գեստապոյի լրտես դառնալ և իր վրա ոչ մի զեկուցագիր չէր գրել, թեև նրան այդ մասին ՌՍԽԱ֊ի չորրորդ բաժանմունքից խնդրում էին բավական համառորեն։
Ցնցումից ապաքինվելով, Շտիրլիցը գնաց Կարլսհորստի մերձակայքում գտնվող տունը, ուր ապրում էր Ռոշկեի այրին։ Կինը պառկած էր չտաքացվաձ տան մեջ ու զառանցում էր։ Ռոշկեի մեկուկես տարեկան որդին՝ Հենրիխը սողում էր հատակին և կամացուկ լալիս. տղան բղավել չէր կարող, ձայնը կտրվել էր։ Կնոջը տարան հոսպիտալ՝ թոքերի կրուպոզ բորբոքում ուներ։ Շտիրլիցը տղային իր մոտ վերցրեց։ Նրա տնտեսուհին, ծեր ու բարի այդ կինը, լողացրեց փոքրիկին և տաք կաթ խմեցնելով, ցանկանում էր իր մոտ քնեցնել։
— Նրա անկողինը ննջասենյակում գցեք,— ասաց Շտիրլիցը,— թող նա ինձ մոտ լինի։
— Երեխաները գիշերները շատ են բղավում։
— Իսկ գուցե ես հենց այդ եմ ուզում,— ցածրաձայն պատասխանեց Շտիրլիցը,— գուցե ես շատ եմ ուզում լսել, թե ինչպես են գիշերները լաց լինում փոքրիկ երեխաները։
Ծեր կինը ծիծաղեց. «Ի՞նչ հաճելի բան կա դրա մեջ։ Տանջանքից բացի ուրիշ ոչինչ»։
Բայց տանտիրոջ հետ չվիճեց։ Արթնացավ ժամը երկուսին։ Ննջասենյակում գոռում֊պատռվում էր փոքրիկը։ Պառավը հագավ տաք մգդակած խալաթը, շտապ սանրվեց ու ներքև իջավ։ Ննջասենյակում լույս տեսավ։ Շտիրլիցը քայլում էր սենյակում, կրծքին սեղմած ծածկոցի մեջ փաթաթված մանկանը, մեղմաձայն ինչ֊որ բան երգելով։ Պառավը Շտիրլիցի դեմքը երբեք այդպես չէր տեսել։ Անճանաչելիության աստիճան փոխվել էր, և տնտեսուհին սկզբում նույնիսկ մտածեց. «Նա՞ է արդյոք»։ Շտիրլիցը՝ սովորաբար չոր, ձգված, ջահելադեմ, հիմա շատ ձեր, թերևս կանացի էր դարձել։
Առավոտյան կողմ տնտեսուհին մոտեցավ ննջասենյակի դռանը և երկար ժամանակ չէր համարձակվում բախել։ Սովորաբար Շտիրլիցը ժամը յոթին սեղան էր նստում։ Նա սիրում էր, որ բլիթները տաք֊տաք լինեն, դրա համար էլ տնտեսուհին դրանք պատրաստում էր վեցն անց կեսին, հաստատ գիտենալով, որ մեկ անգամ ընդմիշտ հաստատված ժամին Շտիրլիցը կխմի մի բաժակ սուրճ, առանց կաթի և շաքարի, ապա բլիթին մարմելադ կքսի և կխմի երկրորդ բաժակ սուրճը, այժմ արդեն կաթով։ Այն չորս տարիների ընթացքում, ինչ տնտեսուհին ապրում էր Շտիրլիցի տանը, վերջինս ոչ մի անգամ չէր ուշացել սեղան նստել։ Հիմա ժամը ութն էր, իսկ ննջասենյակում լռություն էր տիրում։ Նա կիսաբաց արեց դուռն ու տեսավ, որ Շտիրլիցն ու փոքրիկը քնած են լայն մահճակալի վրա։ Տղան պառկած էր մահճակալի լայնքով, կրունկները սեղմած Շտիրլիցի մեջքին, իսկ սա հրաշքով տեղավորվել էր ամենածայրին։ Ըստ երևույթին, տանտերը լսեց, թե տնտեսուհին ինչպես բացեց դուռը, որովհետև իսկույն բացեց աչքերը և ժպտալով մատը տարավ շրթունքներին։ Նա շշուկով էր խոսում անգամ խոհանոցում, երբ այդտեղ մտավ իմանալու, թե տնտեսուհին ինչով է պատրաստվում կերակրել փոքրիկին։
— Քրոջս տղան ինձ ասել է, որ միայն ռուսներն են երեխաներին իրենց մահճակալում քնեցնում,— ժպտաց պառավը։
— Հա՞,— զարմացավ Շտիրլիցը։— Ինչո՞ւ։
— Խոզ են, դրա համար։
— Ուրեմն, դուք ձեր տանտիրոջը խո՞զ եք համարում,— քրքրջաց Շտիրլիցը։
Տնտեսուհին շփոթվեց, կարմրատակեց.
— Օ՜, պարոն Շտիրլից, ինչպե՜ս կարելի է... Դուք երեխային ձեր մահճակալը վերցրիք, որպեսզի փոխարինեք նրա ծնողներին։ Դա գալիս է ազնվությունից ու բարությունից...
Շտիրլիցը զանգահարեց հոսպիտալ։ Նրան ասացին, որ Աննա Ռոշկեն մահացել է մեկ ժամ առաջ։ Շտիրլիցը տեղեկացավ, թե որտեղ են բնակվում զոհված վարորդի և Աննայի հարազատները։ Ֆրիցի մայրը պատասխանեց, որ ապրում է մենակ, շատ հիվանդ է և հնարավորություն չունի թոռանը պահել։ Աննայի հարազատները զոհվել էին Էսսենում, բրիտանական ավիացիայի ռմբակոծության ժամանակ։ Ինքն իր վրա զարմանալով Շտիրլիցը թաքուն հրճվանք ապրեց՝ այժմ ինքը կարող է որդեգրել փոքրիկին։ Նա այդպես էլ կվարվեր, եթե Հենրիխի ապագայի նկատմամբ երկյուղ չունենար։ Նա գիտեր այն մարդկանց երեխաների վիճակը, ովքեր ռայխի թշնամիներն էին դառնում։ Մանկատուն, ապա համակենտրոնացման ճամբար, վերջում՝ վառարան․․․
Շտիրլիցը փոքրիկին ուղարկեց սարերը՝ Թյուրինգիա, տնտեսուհու ընտանիքի մոտ։
— Դուք իրավացի եք,— ծիծաղելով ասաց նա տնտեսուհուն առավոտյան նախաճաշին,— փոքրիկ երեխաները շատ ծանր բեռ են միայնակ տղամարդկանց համար...
Տնտեսուհին ոչինչ չպատասխանեց, միայն շինծու ժպտաց։ Այնինչ ուզում էր ասել, որ ղաժան ու անմարդկային է այդ էրեք շաբաթվա ընթացքում իրեն սովորեցնել փոքրիկին, իսկ հետո ուղարկել սարերը, նոր մարդկանց մոտ։ Ուրեմն, պստիկը նորից պիտի վարժվեր, նորից հավատ ձեռք բերեր նրա նկատմամբ, ով գիշերը քնում է կողքին և օրորելով մեղմաձայն ու բարի երգեր երգում։
— Ես հասկանում եմ,— ավարտեց Շտիրլիցը,— դա ձեզ դաժանություն է թվում։ Բայց ի՞նչ անեն իմ մասնագիտության տեր մարդիկ։ Միթե ավելի լա՞վ կլինի, եթե նա երկրորդ անգամ որբանա։
Տնտեսուհուն միշտ զարմացնում էր իր մտքերը կռահելու՝ Շտիրլիցի ունակությունը,
— Օ՜, ոչ,— ասաց նա,— ձեր արարքը ամենևին էլ դաժանություն չեմ համարում։ Պարոն Շտիրլից, ձեր արածը խելացի է, վերին աստիճանի խելացի։
Պառավը նույնիսկ չհասկացավ՝ ինքը հիմա ճշմարի՞տն ասաց, թե՝ ստեց, վախենալով, որ Շտիրլիցը դարձյալ հասկացավ իր մտքերը...
Շտիրլիցը վեր ելավ և մոմը վերցնելով մոտեցավ սեղանին։ Մի քանի թերթ թուղթ հանեց ու փռեց դիմացը, այնպես, ինչպես խաղաքարտերը պասյանսի դեպքում։ Մի թղթի վրա նկարեց գեր ու բարձրահասակ մարդու։ Նա ցանկացավ ներքևում գրել Գյորինգ, բայց չգրեց։ Երկրորդ թղթի վրա նկարեց Գեբբելսի դեմքը, երրորդի վրա մի ազդու, սպիով դեմք՝ Բորմանը։ Քիչ մտածելով, չորրորդ թերթի վրա գրեց «ՍՍ-ի ռայխսֆյուրեր»։ Դա նրա շեֆի՝ Հենրիխ Հիմմլերի տիտղոսն էր։
... Հետախույզը, եթե հայտնվում է կարևորագույն իրադարձությունների հանգուցակետում, պետք է անսահմանորեն հուզական, անգամ զգացմունքային մարդ լինի, դերասանի պես։ Բայց այդ դեպքում նրա հույզերը վերջին հաշվով պիտի ենթարկվեն խիստ ու հստակ տրամաբանությանը։
Շտիրլիցը, երբ գիշերները, այն էլ սակավադեպ, թույլ էր տալիս իրեն Իսաև զզալ, այսպես էր դատում․ ի՞նչ ասել է իսկական հետախույզ։ Տեղեկություններ հավաքել, մշակել օբյեկտիվ տվյալներն ու դրանք կենտրոն հաղորդել՝ քաղաքական ընդհանրացման և որոշում կայացնելու համար։ Թե՞ անել իր անձնական հետևությունները, նշել իր հեռանկարը, առաջարկել իր նկատառումները։ Իսաևը գտնում էր, որ եթե հետախուզությունը զբաղվի քաղաքականության պլանավորմամբ, այդ ժամանակ կստացվի, որ երաշխավորությունները շատ կլինեն, տեղեկությունները՝ քիչ։ Նա գտնում էր, որ շատ վատ է, երբ հետախուզությունը լիովին ենթարկված է քաղաքական, վաղօրոք ճշտված գծին։ Այդ էր բանը, երբ Հիտլերը, հավատալով Սովետական Միության թուլությանը, չլսեց զինվորականների զգույշ կարծիքները՝ Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան թվում է։ Դա նույնքան վատ է, մտածում էր Իսաևը, որքան այն, երբ հետախուզությունը ճգնում է իրեն ենթարկել քաղաքականությանը։ Իդեալական է, երբ հետախույզը հասկանում է իրադարձությունների զարգացման հեռանկարը և քաղաքագետներին է ներկայացնում մի շարք հնարավոր, իր կարծիքով առավել նպատակահարմար որոշումներ։
Իսաևը գտնում էր, որ հետախույզը կարող է կասկածել իր կանխորոշումների անսխալականությանը, միայն մի բանի իրավունք չունի նա. իրավունք չունի կասկածել դրանց լիակատար օբյեկտիվոլթյանը։
Այժմ ձեռնարկելով այն նյութի վերլուծությունը, որ կարողացել էր հավաքել ամբողջ այդ տարիների ընթացքում, Շտիրլիցն ահա թե ինչու պարտավոր էր նժարի վրա դնել իր բոլոր «կողմ» և «դեմ»-երը. հարցը վերաբերում էր Եվրոպայի ճակատագրին, և վերլուծության մեջ սխալվել ոչ մի կերպ չէր կարելի։
Տեղեկություն խորհրդածության համար
(Գյորինգ)
Առաջին համաշխարհային պատերազմի մարտական օդաչու, կայսերական Գերմանիայի հերոս Գյորինգը նացիստական առաջին ելույթից հետո փախավ Շվեդիա։ Այնտեղ սկսեց աշխատել որպես քաղաքացիական ավիացիայի օդաչու և մի անգամ, սարսափելի փոթորիկի ժամանակ իր մեկ մոտորանի սավառնակով հրաշքով վայրէջք կատարեց Ռոկլշտադտ ամրոցում, այդտեղ ծանոթացավ գնդապետ ֆոն Ֆոկի դստեր՝ Կարինա ֆոն Կատցովի հետ, խլեց նրան ամուսնուց, գնաց Գերմանիա, հանդիպեց ֆյուրերին, մասնակցեց 1923 թվականի նոյեմբերի 9-ի նացիոնալ֊սոցիալիստների ցույցին, վիրավորվեց, հրաշքով խուսափեց բանտարկությունից և տարագրվեց Ինսբրուկ, ուր նրան արդեն սպասում էր Կարինան։ Նրանք փող չունեին, բայց հյուրանոցի տերը անվճար կերակրում էր նրանց․ Գյորինգի պես նա ևս նացիոնալսոցիալիստ էր։ Հետո Գյորինգներին Վենետիկ հրավիրեց «Բրիտանիա» հյուրանոցի տերը և այդտեղ նրանք ապրեցին մինչև 1927 թվականը, մինչ այն օրը, երբ Գերմանիայում ամնիստիա հայտարարվեց։ Կես տարուց քիչ կարճ ժամանակում նա, տասնմեկ այլ նացիստների հետ, դարձավ ռայխստագի դեպուտատ։ Հիտլերն իր թեկնածությունը քվեարկության դնել չէր կարող, ավստրիացի էր, Կարինան Շվեդիայում գտնվող իր մորը գրում էր. «Ռայխստագում Գերմանը նստում է գեներալ ֆոն Էննի հետ, Բավարիայից։ Նրանց կողքը նստած են բազմաթիվ քրեական տիպեր կարմիր գվարդիայից՝ Դավիդի աստղերով ու կարմիր աստղերով, ի միջի այլոց, դա միևնույն բանն է։ Թագաժառանգը Գերմանին հեռագիր է ուղարկել. «Միայն դուք ձեր շենք ու շնորհքով կարող եք ներկայացնել գերմանացիներին»։
Պետք էր նախապատրաստվել նոր ընտրություններին, Ֆյուրերի որոշմամբ Գյորինգը թողեց կուսակցական աշխատանքը, մնաց միայն որպես ոայխստագի անգամ։ Այն ժամանակվա նրա խնդիրն էր՝ կապեր հաստատել այս աշխարհի ուժեղների հետ. իշխանությունը գրավելու տրամադիր կուսակցությունը պետք է կապերի լայն շրջանակ ունենա։ Կուսակցության որոշմամբ Բադենշտրասսեի վրա նա մի շքեղ առանձնատուն վարձեց։ Այստեղ նա ընդունում էր արքայազն Հոհենցոլլերնին, արքայազն Կոբուրգին, մագնատների։ Տան հոգին Կարինան էր՝ հմայիչ տիկին, արիստոկրատուհի, նա լավ էր տրամադրում բոլորին, Շվեդիայի բարձրագույն աստիճանավորներից մեկի դուստրն էր, որ դարձել էր «պատերազմի հերոսի», «արտաքսվածի», «մարտիկի», «բոլշևիկյան վանդալիզմի դեմն առնելու անուժ արևմտյան նեխած դեմոկրատիայի օպոզիցիոների» կինը։
Ամեն անգամ ընդունելությունից առաջ, վաղ առավոտյան գալիս էր բեռլինյան նացիստական կազմակերպության պարտայլայտեր[5] Գեբբելսը։ Նա կապավորն էր կուսակցության և Գյորինգի միջև։ Գեբբելսը նստում էր դաշնամուրի մոտ, իսկ Գյորինգը, Կարինան և Թոմասը՝ առաջին ամուսնությունից վերջինիս որդին, ժողովրդական երգեր էին երգում. նացիստների լիդերի տանը չէին հանդուրժում ամերիկյան կամ ֆրանսիական ջազի սանձազերծ ռիթմերը։
Հենց այստեղ, կուսակցության միջոցներով վարձված առանձնատուն եկան Հիտլերը, Շախտը և Տիսսենը 1931 թվականի հունվարի հինգին։ Հենց այդ շքեղ առանձնատունը լսեց ֆինանսական և արդյունաբերական պարագլուխների դավադիր խոսքերը նացիոնալ-սոցիալիստների առաջնորդ Հիտլերի հետ, որը Գերմանիայի բանվորներին կոչ էր անում «թոթափել կոմինտերնական բոլշևիզմի և նեխած իմպերիալիզմի լուծը և Գերմանիան դարձնել ժողովրդի պետություն»։
Ռէմի խռովությունից հետո, երբ ֆյուրերի նկատմամբ օպոզիցիա կազմեցին շատ վետերաններ, ծայր առան խոսակցությունները.
— Գյորինգը այլևս Գերման չէ, նա պրեզիդենտ է դարձել... Նա չի ընդունում կուսակցության իր ընկերներին, նրա գրասենյակում ստորացուցիչ հերթի են կանգնեցնում նրանց... Նա թաղվել է պերճանքի մեջ...
Սկզբում այդ մասին կիսաձայն խոսում էին միայն կուսակցության շարքային անդամները։ Բայց երբ Գյորինգը 1935 թվականին Բեռլինի տակ կառուցեց Կարինհալե ամրոցը, նրա դեմ Հիտլերին բողոքեցին արդեն ոչ շարքային նացիոնալ-սոցիալիստներ, այլ պարագլուխներ՝ Լեյը ե Զաուկելը։ Գեբբելսը գտնում էր, որ Գյորինգը փչանալ է սկսել դեռևս առանձնատնից։
— Պերճանքն այլասերում է։— ասում էր նա,— Գյորինգին հարկավոր է օգնել, նա չափազանց թանկ է բոլորիս համար։
Հիտլերը գնաց Կարինհալե, դիտեց ամրոցն ու ասաց․
— Գյորինգին հանգիստ թողեք։ Վերջիվերջո մենակ նա գիտե, ինչպես պիտի ներկայանալ դիվանագետներին։ Թող Կարինհալեն լինի օտարերկրյա հյուրերի ընդունելության ռեզիդենցիա։ Թո՛ղ։ Գերմանը արժանի է դրան։ Համարենք թե Կարինհալեն պատկանում է ժողովրդին, իսկ Գյորինգը սոսկ ապրում է այնտեղ...
Գյորինգն այստեղ էր անցկացնում ամբողջ ժամանակը, վերընթեռնելով Ժյուլ-Վեռնին և Կարլ Մեյին՝ այդ երկուսը նրա ամենասիրելի գրողներն էին։ Այստեղ էր նա ձեռնասուն եղջերուներ որսում, իսկ երեկոները երկար ժամեր էր անցկացնում կինոդահլիճում, նա կարող էր իրար վրա հինգ արկածային կինոնկար դիտել։ Սեանսի ժամանակ նա հանգստացնում էր իր հյուրերին.
— Մի հուզվեք,— ասում էր նա,― լավ է վերջանում․․․
Այստեղից՝ Կարինհալեից, արկածային կինոնկարներ դիտելուց հետո էր նա թռչում Մյունխեն՝ ընդունելու Չեմբեռլենի կապիտուլյացիան, Վարշավա՝ նայելու գետտոյի գնդակահարությունները, Ժիտոմիր՝ պլանավորելու սլավոնների բնաջնջումը...
1942 թվականի ապրիլին, Քիլի վրա ամերիկյան ռմբակոծիչների հարձակումից հետո, երբ քաղաքն այրված ու քարուքանդ էր արված, Գյորինգը հայտնեց ֆյուրերին, որ հարձակմանը մասնակցել է թշնամու երեք հարյուր ինքնաթիռ։ Քիլի հաուլայտեր Գրոխհն, մի օրվա ընթացքում սպիտակած ու տանջահար, փաստացիորեն հերքեց Գյորինգին, հարձակմանը մասնակցել են ութհարյուր ռմբակոծիչ, իսկ «Լյուֆտվաֆֆեն» անուժ է գտնվել և ոչինչ չի կարողացել անել քաղաքը փրկելու համար։
Հիտլերը լուռ նայել է Գյորինգին և միայն զզվանքից ծամածռվել է նրա գեմքը։ Հետո ֆյուրերը պայթել է.
— «Թշնամական և ոչ մի ռումբ չի ընկնի Գերմանիայի քաղաքների վրա»,— նյարդայնացած, ցավով ասել է նա, առանց Գյորինգին նայելու։— Ո՞վ է դա ասել ազզին։ Ո՞վ է հավաստիացրել կուսակցությանը։ Գրքերում ես կարդացել եմ մոլի թղթախաղերի մասին, ինձ ծանոթ է բլյոֆ հասկացությունը։ Գերմանիան թղթախաղի սեղանի կանաչ մաուդ չէ, որի վրա կարելի է խաղալ։ Գյորինգ, դուք թաղվել եք լիության և պերճանքի մեջ։ Պատերազմի այս օրերին դուք ապրում եք իբրև կայսր կամ հրեական պլուտոկրատ։ Դուք նետ֊աղեղով եղջերուներ եք սպանում, իսկ իմ ազգը սպանում են թշնամու ինքնաթիռները։ Առաջնորդի կոչումը ազդի մեծությունն է։ Առաջնորդին վիճակված է համեստության։ Առաջնորդի մասնագիտությունը խոստումների ճշգրիտ համապատասխանեցումն է դրանց կատարմանը։
Ռայխսմարշալին կցված բժիշկների եզրակացությունից հայտնի դարձավ, որ Գյորինգը լսեց Հիտլերի այդ խոսքերը, տուն վերադպրձավ և պառկեց ջերմությամբ ու նյարդային ուժեղ ցնցումով։
Այսպիսով, 1942 թվականին առաջին անգամ «№ 2 նացին», Հիտլերի պաշտոնական փոխանորդը նման ստորացուցիչ քննադատության ենթարկվեց, այն էլ ֆյուրերի ապարատի ներկայությամբ։ Այդ դեպքն անհապաղ տեղ գտավ Հիմմլերի դոսյեում և հաջորդ օրը, առանց Հիտլերի թույլտվությունը հարցնելու, ՍՍ֊ի ռայխսֆյուրերը ցուցում տվեց սկսել «ֆյուրերի մերձավորագույն զինակցի» հեռախոսային բոլոր խոսակցությունների ունկնդրումը։
Ի միջի այլոց, Հիմմլերն առաջին անգամ ռայխսմարշալի խոսակցությունները մեկ շաբաթ շարունակ ունկնդրել էր դեռևս նրա եղբայր, Շկոդայի գործարանների էքսպորտի պետ Ալբերտի հետ կապված սկանդալից հետո։ Խեղճերի պաշտպանի համբավ հանած Ալբերտը եղբոր պաշտոնաթղթի վրա նամակ էր գրել Մաութհաուզեն ճամբարի պարետին. «Անմիջապես ազատեք պրոֆեսոր Կիշին, նրա դեմ լուրջ հանցանշաններ չկան»: Եվ ստորագրել էր՝ «Գյորինգ»։ Առանց սկզբնատառերի։ Համակենտրոնացման ճամբարի վախեցած պարետն արձակել էր միանգամից երկու Կիշի, նրանցից մեկը պրոֆեսորն էր, մյուսը՝ ընդհատակյա գործիչ։ Գյորինգը մեծ ջանքեր թափեց եղբորը փրկելու համար, նրան հարվածի տակից փախցրեց, այդ ամենը ֆյուրերին որպես զվարճալի անեկդոտ պատմելով։
Այնուհանդերձ, Հիտլերն առաջվա պես կրկնում էր Բորմանին․
— Ուրիշ ոչ ոք չի կարող իմ փոխանորդը լինել, Գյորինգից բացի։ Նախ, նա երբեք ինքնուրույն քաղաքականության մեջ քիթը չի խոթել, երկրորդ, հանրաճանաչ է ժողովրդի մեջ և երրորդ, թշնամական մամուլում նա ծաղրանկարների գլխավոր առարկան է։
Սա Հիտլերի կարծիքն էր մի մարդու մասին, որը տանում էր իշխանությունը գրավելու գործնական ամբողջ աշխատանքը, մի մարդու մասին, որն ամենայն անկեղծությամբ ասել էր ոչ թե ինչ֊որ մեկին, այլ կնոջը և ոչ թե դիկտոֆոնների համար (այն ժամանակ նա չէր հավատում, որ երբևէ իրեն ականջ կդնեն «պայքարի եղբայրները»), այլ գիշերը, անկողնում.
— Ես չեմ ապրում, բայց ֆյուրերն ապրում է իմ մեջ․․․
15.2.1945 (Ժամը 22-ն անց 32 րոպե)
(ՍՍ-ի օբենգրուպպենֆյուրեր, ՌԽՍԱ֊ի 4-րդ բաժանմունքի (գեստապո) պետ, 1939 թվականից ՆՍԴԱՊ անդամ Մյուլլերի կուսակցական բնութագրից․ «Իսկական արիացի է։ Բնավորությունը նորդական, հաստատակամ։ Մարդամոտ է, միակերպ հարաբերություններ ունի ընկերների և գործընկերների հետ։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Ընտանիքի գերազանց հայր է, իրեն վարկաբեկող կապեր չի ունեցել։ Աշխատանքում դրսևորել է իրեն որպես ականավոր կազմակերպիչ․․․»)
Կայսերական անվտանգության ՍԴ ծառայության պետ Էռնստ Կալտենբրունները խոսում էր վիեննական ուժեղ առոգանությամբ։ Նա գիտեր, որ դա զայրացնում է ֆյուրերին և Հիմմլերին, դրա համար էլ մի ժամանակ պարապում էր հնչյունագետի հետ, իսկական «հոխդոյչ»[6] սովորելու համար։ Բայց դրանից բան դուրս չեկավ։ Նա սիրում էր Վիեննան, ապրում Վիեննայով և չէր կարող ստիպել իրեն թեկուզ օրական մեկ ժամ «հոխդոյչ»-ով խոսել իր ուրախ, թեկուզ և գռեհիկ վիեննական բարբառի փոխարեն։ Դրա համար էլ վերջին ժամանակներս Կալտենբրունները դադարեց գերմանացի խաղալուց և բոլորի հետ խոսում էր այնպես, ինչպես պիտի խոսեր՝ վիեննականով։ Ենթակաների հետ խոսում էր նույնիսկ Ինսբրուկի շեշտադրությամբ, սարերում ավստրիացիները բացարձակապես այլ կերպ են խոսում, և Կալտենբրուններին մեկ֊մեկ դուր էր գալիս իր ապարատի մարդկանց փակուղու առջև կանգնեցնել. աշխատակիցներր վախենում էին նորից հարցնել անհասկանալի բառը և շփոթվածության, տարակուսանքի ուժեղ զգացում ապրում։
Նա նայեց ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր, գեստապոյի պետ Մյուլլերին և ասաց.
— Ես չեմ ուզում ձեր մեք արթնացնել կասկածամտության չար դևը կուսակցության և համատեղ պայքարի ընկերների նկատմամբ, բայց փաստերը հետևյալն են ասում․ առաջինը՝ Շտիրլիցը, ճիշտ է, կողմնակիորեն, բայց և այնպես հաղորդակից է Կրակովյան օպերացիայի ձախողմանը։ Նա այնտեղ էր, բայց քաղաքը հանգամանքների տարօրինակ բերումով անվնաս մնաց, թեև պետք է հօդս ցնդեր։ Երկրորդ՝ նա զբաղվում էր անհետացած ՖԱՈՒ֊ով, բայց չգտավ այն, ՖԱՈՒ-ն կորավ և ես աղոթում եմ աստծուն, որպեսզի այն թաղված լինի Վիսլայի և Վիսլոյայի միջագետքում... Երրորդ՝ նա այժմ էլ հսկում է հատուցման զենքի հետ կապված մի շարք հարցերի ու թեև ակներև ձախողումներ չկան, բայց դե, հաջողության, առաջխաղացում, զգալի հաղթանակ էլ չենք տեսնում։ Իսկ հսկել չի նշանակում միայն նստեցնել այլախոհներին։ Դա նշանակում է նաև օգնել նրանց, ովքեր մտածում են ճիշտ ու հեռանկարային․․․ Չորրորդ թափառող հաղորդիչը, որը գաղտնագրից դատելով, աշխատում է բոլշևիկների ստրատեգիական հետախուզության համար և որով նա զբաղվում է, առաջվա պես աշխատում է Բեռլինի շրջակայքում։ Մյուլլեր, ես ուրախ կլինեի, եթե դուք իսկույն հերքեիք իմ կասկածները։ ես համակրում եմ Շտիրլիցին և կցանկանայի ձեզնից ստանալ հանկարծակի առաջացած կասկածներիս փաստացի հերքումը։
Մյուլլերն ամբողջ գիշերն աշխատել էր, չէր քնել, քունքերը խփում էին, դրա համար էլ պատասխանեց առանց իր սովորական չոր կատակների․
— Նրա մասին ինձ մոտ ոչ մի ահազանգ չի եղել։ Իսկ մեր զործում անհաջողությունից ու սխալներից ոչ ոք երաշխավորված չէ։
— Այսինքն, ձեզ թվում է, թե ես շատ սխալվո՞ւմ եմ։
Կալտենբրունների հարցը խիստ չոր երանգ ուներ, և Մյուլլերը, թեև հոգնած, բայց հասկացավ դա։
— Ինչո՞ւ․․․— պատասխանեց նա։— Առաջացած կասկածները պետք է ստուգվեն֊փորձվեն բոլոր կողմերից, այլապես ինչո՞ւ պահել իմ ապարատը։ Ուրիշ այլ փաստեր չունե՞ք,— հարցրեց Մյուլլերը։
Ծխախոտը թռավ Կալտենբրունների շնչափողը, և նա երկար հազում էր, դեմքը կապտեց, վզի երակները մեծացան, ուռեցին ու կարմրեցին։
— Ինչ ասեմ,— պատասխանեց նա, արցունքը սրբելով։— Ես խնդրել եմ մի քանի օր գրանցել նրա խոսակցությունները մեր մարդկանց հետ։ Նրանք, ում ես անվերապահորեն հավատում եմ, միմյանց հետ բաց-բաց խոսում են դրության ողբերգականության մասին, մեր զինվորականների բթամտության մասին, Ռիբենտրոպի ապուշության մասին, տխմար Գյորինգի մասին, այն սարսափների մասին, թե ինչ է սպասում մեզ, եթե ռուսները Բեռլին ներխուժեն... Իսկ Շտիրլիցը պատասխանում է. «Դատարկ բան է, ամեն ինչ լավ է, գործերը կարգին են գնում»։ Հայրենիքի և ֆյուրերի նկատմամբ սերն այն չէ, որ կուրորեն ստես աշխատանքային ընկերներիդ... Ինքս ինձ հարցրի. «Իսկ նա բթամիտ չէ՞»։ Չէ որ շատ բթամիտներ ունենք, որոնք անխելք֊անբան կրկնում են Գեբբելսի բանդագուշանքը։ Ո՛չ, նա բթամիտ չէ։ Այդ դեպքում ինչո՞ւ է կեղծում։ Կամ նա ոչ ոքի չի հավատում, կամ ինչ-որ բանից վախենում է, կամ ինչ-որ բան է մտմտում և ուզում է բյուրեղի պես մաքուր մնալ։ Իսկ այդ դեպքում ի՞նչ է մտմտում։ Նրա բոլոր գործողությունները ելք պիտի ունենան արտասահման, դեպի չեզոքները։ Եվ ես ինձ հարցրի. «Իսկ նա կվերադառնա՞ այնտեղից։ Ու եթե վերադառնա, ապա չի՞ կապվի այնտեղ օպոզիցիոներների կամ ուրիշ սրիկաների հետ»։ Չկարողացա ճիշտ պատասխանել ինքս ինձ՝ ոչ դրական, ոչ էլ բացասական տեսակետից։
Մյուլլերը հարցրեց.
— Նախ դո՞ւք կնայեք նրա դոսյեն, թե՞ հենց հիմա վերցնեմ։
— Հենց հիմա վերցրեք դուք,— խորամանկեց Կալտենբրունները։ Նա հասցրել էր ուսումնասիրել բոլոր նյութերը։— Ես պետք է ֆյուրերի մոտ գնամ։
Մյուլլերը հարցական նայեց Կալտենբրուններին։ Նա սպասում էր, որ սա ինչ-որ թարմ լուրեր կպատմի բունկերից[7], բայց Կալտենբրունները ոչինչ չսկսեց պատմել։ Նա քաշեց սեղանի ներքևի դարակը, մի շիշ «Նապոլեոն» հանեց, Մյուլլերին ըմպանակ տվեց ու հարցրեց.
— Թո՞ւնդ եք խմել։
— Բոլորովին չեմ խմել։
— Իսկ ինչո՞ւ են ձեր աչքերը կարմրած։
— Չեմ քնել, շատ գործ կար Պրագայի գործով, այնտեղ մերոնք ընդհատակյա խմբերի պոչը բռնել են։
— Կրյուգերը լավ նեցուկ կլինի։ Գերազանց ծառայող է, թեև ֆանտազիան քիչ է։ Կոնյակ խմեք, կթարմացնի,
— Ընդհակառակը, կոնյակից շշմում եմ։ Ես օղի եմ սիրում։
— Սրանից չեք շշմի,— ժպտաց Կալտենբրուններն ու բարձրացրեց իր ըմպանակը։— Պրո՛զիտ[8]։
Nա խմեց միանգամից և նրա ադամախնձորը արագորեն, ինչպես ալկոհոլիկի մոտ, թռավ վեր։
«Լավ խմում է,— մտածեց Մյուլլերը, ծծելով իր կոնյակը,— հիմա անպայման երկրորդն էլ կլցնի»։
Կալտենբրունները կպցրեց ամենաէժանագին, թունդ «Կարո» սիգարեթ ու հարցրեց.
— Հը՞, ուզո՞ւմ եք կրկնել։
— Շնորհակալ եմ,— պատասխանեց Մյուլլերը,— հաճույքո՛վ։
Տեղեկություն խորհրդածության համար
(Գեբբելս)
Շտիրլիցը մի կողմ դրեց Գյորինգի հաստ մարմինը պատկերող թուղթը և մոտ քաշեց Գեբբելսի կիսադեմով թուղթը։ Բաբելսբերգում (ուր տեղավորված էր ռայխի կինոստուդիան և ուր ապրում էին դերասանուհիները) ունեցած արկածների համար Գեբբելսի անունը «բաբելսբերգյան ցլիկ» դրեցին։ Նրա վրա եղած դոսյեում պահպանվում էր Գյորինգի հետ ֆրաու Գեբբելսի զրույցի ձայնագրությունը, երբ պրոպագանդայի ռայխսմինիստրը հրապուրված էր չեխ դերասանուհի Լիդա Բաարովայով։ Գյորինգն այն ժամանակ ասաց նրա տիկնոջը.
— Նա իր վիզը կկոտրի կնիկների պատճառով։ Մեր գաղափարախոսության համար պատասխանատու մարդն ինքն իրեն խայտառակում է կեղտոտ չեխուհիների հետ իր պատահական կապերով։
Ֆյուրերը ֆրաու Գեբբելսին երաշխավորեց բաժանվել․
— Ես ձեզ կպաշտպանեմ,— ասաց նա,— իսկ ձեր ամուսնուն, քանի դեռ նա չի սովորի իրեն պահել իսկական նացիոնալ-սոցիալիստի պես, որպես բարձր բարոյականության տեր և ընտանիքի նկատմամբ իր պարտքը սրբորեն կատարող մարդ, ձեր ամուսնուն ես մերժում եմ անձնական հանդիպումներն ինձ հետ...
Այժմ այդ բոլորը ետին պլան էր մղվել՝ այս տարվա հունվարին Հիտլերը եկել էր Գեբբելսի տուն, ծննդյան տարեդարձի։ Նա ֆրաու Գեբբելսին մի փունջ ծաղիկ էր բերել ու ասել․
— Խնդրում եմ ինձ ներել ուշացման համար, բայց ես շրջել եմ ամբողջ Բեռլինը, մինչև որ ծաղիկ եմ գտել, Բեռլինի հաուլայտեր պարտայգենոսսե[9] Գեբբելսը փակել է բոլոր ձաղկի խանութները՝ համընդհանուր պատերազմին ծաղիկներ պետք չեն...
Երբ քառասուն րոպե անց Հիտլերը գնացել էր, երջանիկ Մագդա Գերբելսն ասել էր.
— Ֆյուրերը Գյորինգների մոտ երբեք չէր գնա...
Բեռլինը փլատակներով էր ծածկված, ռազմաճակատի գիծն անցնում էր «հազարամյա ռայխի» մայրաքաղաքից հարյուրքառասուն կիլոմետրի վրա, իսկ Մագդա Գեբբելսն իր հաղթանակով էր ցնծում, և նրա ամուսինը կանգնած էր կողքին, երջանկությունից գունատված դեմքով, վեցամյա ընդմիջումից հետո ֆյուրերն իր տուն է եկել...
Շտիրլիցը մի մեծ շրջանակ նկարեց և սկսեց անշտապ դա լցնել հստակ ու շատ ուղիղ գծերով։ Նա այժմ հիշում էր Գեբբելսի օրագրերի հետ կապված ամեն ինչ։ Նա գիտեր, որ այդ օրագրերով հետաքրքրվում էր ռայխսֆյուրերը և ժամանակին գերագույն ճիգեր էր գործադրում մի կերպ դրանց ծանոթանալու համար։ Շտիրլիցին հաջողվել էր միայն մի քանի էջերի լուսանկարային պատճենները տեսնել։ Նրա հիշողությունն արտասովոր էր. տեսողաբար լուսանկարում էր տեքստը, հիշելով դա համարյա մեխանիկորեն, առանց որևէ ջանքի։
«Անգլիայում գրիպի համաճարակ է,— գրել էր Գերբելսը։— Նույնիսկ թագավորն է հիվանդ։ Լավ կլիներ, եթե այդ ինֆլյուէնցան[10] ճակատագրական դառնար Անգլիայի համար, բայց դա շատ հիանալի է, ճշմարիտ լինելու համար։
2-ը մարտի, 1943 թվական։ Ես չեմ կարող հանգստանալ, մինչև բոլոր հրեաները չվռնդվեն Բեռլինից։ Օբերզալցբերգում Շպեերի հետ ունեցած զրույցից հետո գնացի Գյորինգի մոտ: նրա նկուղում 25.000 շիշ շամպայն կա, այդ նացիոնալ-սոցիալիստի նկուղում։ Նա պատմուճան էր հագել, և դրա գույնից ինձ մոտ իդիոսինկրազիա[11] սկսվեց։ Բայց ի՞նչ արած, նրան հարկավոր է ընդունել այնպես, ինչպես կա»։
Շտիրլիցը հեգնանքով ժպտաց, հիշեց, թե ինչպես բառ առ բառ նույնը Գեբբելսի մասին ասաց Հիմմլերը։ Քառասուներկու թվականին էր։ Այն ժամանակ Գեբբելսն ապրում էր ամառանոցում, բայց ոչ թե ընտանիքի հետ, մեծ տանը, այլ փոքրիկ, համեստ տնակում, որ կառուցվել էր «աշխատելու համար»։ Տնակը լճափին էր, և ցանկապատը կտրելի էր շրջանցել եղեգների միջով՝ ջուրը հասնում էր մինչև կոճերը, և ՍՍ-ի պահակակետը գտնվում էր հեռվում։ Այստեղ նրա մոտ գալիս էին դերասանուհիները, նրանք գալիս էին էլեկտրագնացքով և ոտքով անցնում անտառը։ Գեբբելսը նացիոնալ֊սոցիալիստին ոչ սազական, չափազանց շքեղություն էր համարում իր մոտ ավտոմեքենայով կին բերելը։ Նա ինքն էր կանանց առաջնորդում եղեգնուտով, իսկ հետո, լուսադեմին, քանի դեռ ՍՍ-ը քնած էր, դուրս էր տանում նրանց։ Իհարկե, Հիմմլերն իմացավ այդ մասին։ Հենց այդ ժամանակ էլ նա ասաց, «նրան հարկավոր է ընդունել այնպես, ինչպես կա»։
(Հենց այդ տնակում Գեբբելսը մակագրեց Գյորինգի գրասենյակից իրեն ուղարկած հրամանագիրը, որը պարտավորեցնում էր բեռլինյան գեստապոյին եռօրյա ժամկետում ոչնչացնել արդյունաբերության մեջ աշխատող վաթսուն հազար հրեաների։ Հենց այստեղ նա նամակ գրեց Ադոլֆ Ռոզենբերգին, աոաջարկելով ոչնչացնել երեք միլիոն չեխ, պլանավորված մեկուկես միլիոնի փոխարեն։ Հենց այստեղ էր նախապատրաստում նա Լենինգրադի ոչնչացման կապակցությամբ պրոպագանդիստական կամպանիան...)։
«Գյորինգն ասում էր այն մասին,— շարունակում էր Գեբբելսն իր օրագրում,— որ Աֆրիկան մեզ պետք չէ։ «Մենք պիտի մտածենք անգլո-ամերիկացիների ուժի մասին։ Այսպես թե այնպես Աֆրիկան մենք կկորցնենք»։ Նա այնտեղ ուղարկեց «Լյուֆտվաֆֆեի» գծով իր տեղակալ ֆելդմարշալ Ալբերտ Կեսսելրինգին։ Կրկին ու կրկին նա հարցնում էր ինձ, թե բոլշևիկները որտեղի՞ց են վերցնում զինվորներ և զենք։ Զարմանում էր, որ բրիտանական պլուտոկրատիան կարող է գործակցել բոլշևիկների հետ, հատկապես նշելով Չերչիլի ողջույնը Կարմիր Բանակի քսանհինգամյակի առթիվ։ Շատ լավ խոսեց հակաբոլշևիկյան պրոպագանդայի մասին։ Նրա վրա ազդեցություն էին թողել այդ ասպարեզում իմ հետագա պլանները։ Նա իհարկե, անտարբեր է։ Հարկ է նրան ոգևորել։ Անհնար է ղեկավարել առանց նրա։
Գյորինգն ասում է. «Արևելքում մեր պարտություններն այդ սրիկա գեներալները բացատրում են ռուսական ձմեռվա պայմաններով։ Պաուլյուսը՝ հերո՞ս։ Շուտով նա ելույթ կունենա մոսկովյան ռադիոյով։ Ինչո՞ւ ենք խաբում ժողովրդին, իբր նա հերոսի մահով է ընկել։ Ֆյուրերը երեք տարի չի հանգստացել։ Նա սպարտացու կյանք է վարում բունկերում նստած, օդի երես չի տեսնում։ Պատերազմի երեք տարիներն ավելի սարսափելի են նրա համար, քան սովորական հիսուն տարին։ Բայց նա չի ուզում ինձ լսել։ Ֆյուրերին հարկավոր է ազատել բանակի ղեկավարումից։ Ինչպես միշտ, կուսակցության մեջ ճգնաժամերի ընթացքում նրա մերձավորագույն զինակիցները պիտի համախմբվեն նրա շուրջն ու փրկեն»։
Գյորինգը պատրանքներ չունի, թե մեզ հետ ինչ կլինի, պատերազմը տանուլ տալու դեպքում, միայն հրեական հա՜րցն ինչ արժե։
— Պատերազմը կավարտվի քաղաքական կործանումով,— համաձայնեցի նրան։
Այստեղ ես նրան առաջարկեցի երեքի կոմիտեի փոխարեն ստեղծել ռայխի պաշտպանության գործերի խորհուրդ, մի մարդու գլխավորությամբ, որն օգնել է ֆյուրերին հեղափոխության մեջ։ Գյորինգը ցնցված էր, երկար տատանվում էր, բայց հետո սկզբունքային համաձայնություն տվեց։ Գյորինգն ուզում է հաղթել Հիմմլերին։ Ֆունկին ու Լեյին պարտության եմ մատնել ես։ Շպեերն ընդհանրապես իմ մարդն է։ Գյորինգը որոշեց Բեռլին գնալ, Իտալիա թռչելուց անմիջապես հետո։ Այնտեղ նա կհանդիպի մեզ հեա։ Դրանից առաջ Շպեերը կխոսի ֆյուրերի հետ։ Ես նույնպես։ Նշանակումների հարցն ավելի ուշ կվճռենք։
9-ը մարտի, 1943 թվական։ Թռա Վիննիցա։ Հանդիպեցի Շպեերին։ Սա ասաց, որ ֆյուրերն իրեն լավ է զգում, բայց շատ զայրացած է Գյորինգի վրա, Գերմանիայում եղած ռմբակոծությունների պատճառով։ Ֆյուրերն ընդունեց ինձ և երջանիկ եմ, որ ամբողջ օրն անցկացրի նրա հետ։ Մանրամասնորեն զեկուցեցի Բեռլինի վրա օդային հարձակումների մասին։ Նա ուշադիր լսում էր ինձ և շատ էր հանդիմանում Գյորինզին։ Գյորինզի կապակցությամբ խոսեց նաև գեներալների մասին։ Ասաց, որ նրանցից ոչ մեկին չի հավատում, սոսկ դրա համար էլ ղեկավարում է բանակը։
12-ը մարտի 1943 թվական։ Ես հրամայեցի մեր մամուում տպագրել ռեպարացիայի[12] անգլիական պահանջները զերմանական ժողովրդին, մեր պարտության դեպքում։ Սա կցնցի գերմանացիներին։ Երկու ժամ կռվեցի Ռիբենտրոպի հետ, որը պահանջում է Ֆրանսիան ինքնուրույն երկիր համարել ու նրա վրա չտարածել կուսակցության պրոպագանդան։ Փառք աստծո։ Գյորինզր հաճախ է սկսել երևալ մարդկանց մեջ։ Նրա հեղինակությունր պետք է ամրապնդել։
12֊ը ապրիլի, 1943 թվական։ Գնացի կոնֆերանս, ոը Գյորինդն էր հրավիրել ղեկավարության ճգնաժամի մասին հարցով։ Ես և Ֆունկը եկանք Ֆրեյլասսինգ, և այստեղ ես նոպա ունեցա։ Ես կանչեցի պրոֆեսոր Մորելյին, և նա ինձ արգելեց ճանապարհը շարունակել։ Կոնֆերանսում Զաուկելը կռվել է Շպեերի հետ։
20-ր ապրիլի, 1943 թվական։ Ցույց ֆյուրերի ծննդյան 54֊ամյակի կապակցությամբ։ Ինձ այցելեց Լեյը և պատմեց Օբերզալցբերգի կոնֆերանսի մասին։ Մթնոլորտը նրան դուր չի եկել։ Նա չի հավատում, թե Գյորինգը կարող է ռայխի գործերի ղեկավարը լինել, քանի որ վարկաբեկվել է ավիացիայում և ռմբակոծությունների պատճառով։ Ֆյուրերն ուրախ է, որ իմ և Գյորինգի հարաբերությունները կարգավորվել են։ Նա գտնում է, որ երբ կուսակցական հեղինակությունները միավորված են հանուն հայրենիքի շահերի, դրանից շահում է միայն ինքը և կուսակցությունը։ Եկավ Շպեերը։ Գտնում է, որ Գյորինգը հոգնել է, իսկ Զաուկելը՝ ցնորվել։ Շիրախը, ինչպես ասել է ֆյուրերը, ընկել է Վիհննայի ռեակցիոներների ազդեցության տակ, դրա համար էլ իր ելույթներում գնդակոծում է համընդհանուր պատերազմի գաղափարը...»
Շտիրլիցը ճմռեց Գյորինգի և Գեբբելսի պատկերներով թղթերը, այրեց դրանք մոմի բոցի վրա և գցեց բուխարին։ Չուգունե խաչերկաթով խառնեց, նորից մոտեցավ սեղանին ու ծխախոտ վառեց։
«Գեբբելսը որոշակիորեն հրահրել է Գյորինգին։ Իսկ օրագրում գրել է իր և սերունդների համար՝ բավական խորամանկ է։ Եվ ամեն ինչ ջրի երես է դուրս եկել։ Բայց նա հիստերիկ է և այդ բոլորն այնքան էլ ճարպկորեն չի արել։ Հավանորեն, ավելորդ անգամ ֆյուրերի նկատմամբ իր սերն է ցուցադրել։ Արդյո՞ք Հիմմլերի հետ չէր զրուցել, երբ այդչափ դիվանագիտորեն հիվանդացավ ու չեկավ Օբերզալցբերգ, կոնֆերանսի, որի գաղափարն ինքն էր տվել Գյորինգին»։
Շտիրլիցը մոտ քաշեց մնացած երկու թերթիկը՝ Հիմմլերը և Բորմանը։
«Գյորինգին և Գեբբելսին ես բացառում եմ։ Ըստ երևույթին, Գյորինգը կարող էր բանակցությունների գնալ,ի բայց նա աչքից ընկած է, ոչ ոքի չի հավատում, զրկված է քաղաքական ուժից։ Գեբբե՞լսը։ Ո՜չ։ Սա չի կարող։ Սա ֆանատիկոս է, մինչև վերջ կդիմանա։ Երկուսից մեկը՝ Հիմմլերը կամ Բորմանը։ Բայց սրանցից ո՞ր մեկը։ Հի՞մմլերը։ Ինչպես երևում է, նա երբեք բանակցությունների գնալ չի կարող, գիտե, թե ինչ ատելությամբ է շրջապատված իր անունը... Այո, Հի՛մմլերը...»
Հենց այդ ժամանակ, նիհարած, գունատ, սարսափելի գլխացավով Գյորինզը Կարինհալե էր վերադառնում ֆյուրերի բունկերից։ Այսօր առավոտյան մեքենայով նա գնացել էր ռազմաճակատի այն հատվածը, որը ճեղքել էին ռուսական տանկերը։ Այնտեղից իսկույն նա իրեն գցեց ֆյուրերի մոտ։
— Ռազմաճակատում ոչ մի կազմակերպվածություն չկա,— ասաց նա,— լիակատար կազմալուծում է։ Զինվորների աչքերն անիմաստ են։ Ես տեսա հարբած սպաների։ Բոլշևիկների հարձակռւմը բանակի մեջ սարսափ, անասնական սարսափ է ներարկել... ես գտնում եմ...
Հիտլերը լսեց նրան, կիսախուփ աչքերով, աջ ձեռքով պահելով ձախ բազուկը, որն անընդհատ ցնցվում էր։
— Ես գտնում եմ...— կրկնեց Գյորինգը։
Բայց հիտլերը նրան թույլ չտվեց շարունակել։ Նա դժվարությամբ ելավ տեղից, կարմրատակած աչքերը լայն բացվեցին, բեղը ցնցվեց արհամարհանքից։
— Այսուհետև արգելում եմ ձեզ ռազմաճակատ գնալ,— ասաց նա իր նախկին, ուժեղ ձայնով։— Ես ձեզ արզելում եմ խուճապ տարածել։
— Դա խուճապ չէ, այլ ճշմարտություն,— իր կյանքում առաջին անգամ ֆյուրերին աոարկեց Գյորինգն ու իսկույն զգաց, թե ինչպես սառչեցին ձեռքերի և ոտքերի մատները։— Դա ճշմարտություն է, իմ ֆյուրեր, և իմ պարտքն է ձեզ հայտնել այդ ճշմարտությունը։
— Լռեցե՛ք։ Ավելի լավ է, ավիացիայով զբաղվեք, Գյորինգ։ Եվ մի խցկվեք այնտեղ, ուր պետք է հանգիստ գլուխ, նախախնամություն և ուժ ունենալ։ Ինչպես պարզվեց, դա ձեզ համար չէ։ Ես արգելում եմ ձեզ ռազմաճակատ գնալ, այսուհետև և ընդմիշտ։
Գյորինգը ճզմված էր ու նսեմացած, մեջքով զգում էր, թե իր ետևից ինչպես են ժպտում այդ ոչնչությունները՝ ֆյուրերի համհարզները։
Կարինհալեում նրան արդեն սպասում էին «Լյուֆտվաֆֆեի» շտաբականները․ բունկերից ելնելիս նա հրամայեց հավաքել իր մարդկանց։ Բայց խորհրդակցությունն սկսել չհաջողվեց. համհարզը զեկուցեց, որ ժամանել է ՍՍ֊ի ռայխսֆյուրերը։
— Նա միայնակ խոսակցություն խնդրեց,— ասաց համհարզը բազմանշանակության այն չափով, որը նրա աշխատանքը հանելուկային է դարձնում շրջապատի համար։
Գյորինգը ռայխսֆյուրերին ընդունեց իր գրադարանում։ Հիմմլերն, ինչպես միշտ, ժպտուն էր ու հանգիստ։ Նա նստեց բազկաթոռին, հանեց ակնոցը, ապակիները երկար շփեց թավշակաշվով, ապա առանց որևէ նախաբանի ասաց․
— Ֆյուրերն այլևս չի կարող ազգի առաջնորդ լինել։
— Իսկ ի՞նչ անել,— մեքենայաբար պատասխանեց Գյորինգը, չհասցնելով նույնիսկ մի կարգին վախենալ ՍՍ-ի առաջնորդի ասած խոսքից։
— Ընդհանուր առմամբ, բունկերում ՍՍ-ի զորքերն են,— նույնպես հանգիստ, իր հարթ ձայնով շարունակեց Հիմմլերը,— բայց վերջին հաշվով, բանն այդ չէ, Ֆյուրերի կամքը կաթվածահար է եղել։ Նա չի կարող որոշումներ ընդունել։ Մենք պարտավոր ենք դիմել ժողովրդին։
Գյորինգը նայեց Հիմմլերի ծնկներին դրած հաստ, սև թղթապանակին։ Նա հիշեց, թե ինչպես քառասունչորս թվականին իր կինը, հեռախոսով ընկերուհու հետ խոսելիս, ասաց․ «Ավելի լավ է, եկ մեր տան։ Հեռախոսով խոսելը վտանգավոր է, մեզ ականջ են դնում»։ Գյորինգը հիշեց, թե այն ժամանակ ինչպես մատներով թխկթխկացրեց սեղանը և կնոջը նշան արեց՝ «այդ մասին մի խոսիր, դա խելագարություն է»։ Այժմ էլ նայում էր սև թղթապանակին ու մտածում, որ այնտեղ կարող է դիկտոֆոն լինել և որ այս խոսակցությունը երկու ժամ անց ունկնդրության կդրվի ֆյուրերին։ եվ այդ ժամանակ՝ վերջ։
«Նա ինչ ասես կարող է խոսել,— մտածում էր Գյորինգը Հիմմլերի մասին,— պրովոկատորների հայրն ազնիվ մարդ չի կարող լինել։ Նա արդեն գիտի ֆյուրերի մոտ այսօրվա իմ խայտառակության մասին։ Նա եկել է մինչև վերջ հասցնելու իր խաղը»։
Հիմմլերն, իր հերթին, հասկանում էր, թե ինչ է մտածում «№ 2 նացին»։ Այդ պատճառով էլ, հոգոց հանելով, որոշեց օգնել նրան։ Ասաց.
— Դուք փոխանորդ եք, հետևաբար դուք պրեզիդենտն եք։ Այդպիսով, ես ռայխսկանցլեր եմ։
Նա գիտեր, որ ազգը չի գնա իր՝ ՍՍ֊ի առաջնորդի ետևից։ Պաշտպանող դեմք էր պետք։
Գյորինգը պատասխանեց, նույնպես մեքենայաբար․
— Դա անհնարին է․․․․— մի պահ հապաղեց ու ավելացրեց շատ մեղմաձայն, հաշվի առնելով, որ շշունջը չի կարող ձայնագրել թղթապանակի մեջ պահված դիկտոֆոնը։— Դա անհնարին է։ Ե՛վ պրեզիդենտը, և՛ կանցլերը մի մարդ պիտի լինի։
Հիմմլերը թեթևակի ժպտաց, մի քանի վայրկյան լուռ նստեց, իսկ հետո զսպանակի պես վեր ելավ, Գյորինգի հետ կուսակցական ողջույն փոխանակեց ու անաղմուկ դուրս գնաց գրադարանից․․․
15.2.1945 (Ժամը 23-ն անց 54 րոպե)
Շտիրլիցն աշխատասենյակից իջավ գարաժ։ Առաջվա պես ռմբակոծում էին, բայց արդեն Ցոսսենի մերձակայքում, համենայն դեպս նրան այդպես թվաց։ Շտիրլիցը բացեց դարպասը, նստեց ղեկի մոտ ու գործի գցեց մեքենան։ Նրա «Խորխի» ուժեղացված մոտորը հռնդաց հավասար և զորեղ։
«Գնացինք, ա՛յ մեքենա»,— մտածեց նա ռուսերեն և միացրեց ռադիոն։ Թեթև երաժշտություն էին հաղորդում։ Օդային հարձակումների ժամանակ սովորաբար ուրախ երգեր էին հաղորդում։ Սովորություն էր դարձել, երբ ռազմաճակատում լավ ջարդում էին կամ ուժգին հարվածում էին օդից, ռադիոն հաղորդում էր ուրախ, ծիծաղաշարժ ծրագրեր։ «Դե՛, գնացինք, ա՛յ մեքենա։ Շուտ գնանք, որ ռումբի տակ չընկնենք։ Ռումբերն ավելի հաճախ անշարժ բաների վրա են ընկնում։ Գնանք յոթանասուն կիլոմետր արագությամբ։ Լուսնյակ գիշեր է, ուրեմն խփվելու հնարավորությունը ճիշտ յոթանասուն անգամ պակասում է»։
Նրա ռադիստները՝ Էրվինը և Քեթը ապրում էին Կեպենիկում, Շպրեեի ափին։ Երկուսն էլ արդեն քնած էին։ Վերջին ժամանակներս նրանք շատ վաղ էին պառկում քնելու, որովհետև Քեթը հղի էր։
— Հիանալի տեսք ունես,— ասաց Շտիրլիցը,— դու այն հազվագյուտ կանանցից ես, ում հղիությունն անդիմադրելի է դարձնում։
— Հղիությունը ուզածդ կնոջն էլ գեղեցկացնում է,― պատասխանեց Քեթը,— պարզապես դու հնարավորություն չես ունեցել դա նկատելու...
— Հնարավորություն չեմ ունեցել,— քմծիծաղեց Շտիրլիցը,— ճիշտ ասացիր։
— Քեզ կաթո՞վ սուրճ տամ,— հարցրեց Քեթը։
— Կա՞թ որտեղից։ Ես մոռացա ձեզ կաթ բերել․․․ Գրողը տանի։
— Կոստյումս փոխեցի կաթով,— պատասխանեց Էրվինը։— Նա անպայման գոնե մի քիչ կաթ պիտի խմի։
Շտիրլիցը շոյեց Քեթի այտը և հարցրեց․
— Մի բան կնվագե՞u։
Քեթը նստեց դաշնամուրի մոտ և ջոկջկելով նոտաները, Բախ րաց արեց։ Շտիրլիցը գնաց լուսամատի մոտ և կամացուկ հարցրեց Էրվինին.
— Ստուգե՞լ ես, նրանք որևէ բան չեն խցկել տանդ անցքերը։
— Ստուգել եմ, ոչինչ չկա։ Իսկ ի՞նչ է, ՍԴ-ի եղբայրներդ նոր զիբի՞լ են հնարել։
— Սատանան գիտի։
— Հը՞,― հարցրեց էրվինը,— ի՞նչ կա։
Շտիրլիցը քմծիծաղեց և օրորեց գլուխը։
— Հասկանում ես,— դանդաղ սկսեց խոսել նա,— ես հանձնարարություն եմ ստացել...— նա նորից քմծիծաղեց։— Ես պետք է հետևեմ, թե բարձրագույն քրմերից ով է պատրաստվում սեպարատ բանակցությունների գնալու Արևմուտքի հետ։ Նրանք նկատի ունեն հիտլերյան ղեկավարությանը, ոչ ավել, ոչ պակաս։ Ոչինչ խնդիր է, չէ՞։ Ուրախ գործ է։ Այնտեղ, հավանորեն կարծում եմ, որ եթե այսքսան տարվա ընթացքում չեմ բռնվել, ուրեմն ամենազոր եմ։ Վատ չի լինի, եթե Հիտլերի տեղակալը դառնամ։ Կամ թե չվերցնե՞մ միանգամից ֆյուրեր դառնամ, հը՞։ Փնթփնթան եմ դառնում, չե՞ս նկատում։
— Քեզ դա սազում է,— պատասխանեց Էրվինը։
— Ինչպե՞ս ես մտադիր ազատվել, աղջիկս,— հարցրեց Շտիրլիցը, երբ Քեթը, նկատելով, որ տղամարդիկ լռել են, դադարեց նվագել։
— Իմ կարծիքով, նոր միջոց դեռ չեն գտել,— ժպտաց կինը։
— Երեկ ես խոսեցի մի մանկաբարձ֊բժշկի հետ․․․ Չեմ ուզում ձեզ վախեցնել, ժողովուրդ...— նա ավելի մոտեցավ Քեթին ու խնդրեց․― նվազիր, փոքրիկս, նվագիր։ Չեմ ուզում ձեզ վախեցնել, չնայած ինքս կարգին վախեցել եմ։ Այգ ձեր բժիշկն ինձ ասաց, որ ծննդաբերության ժամանակ ինքը կարող է որոշել ցանկացած կնոջ ծննդավայրը։
— Չեմ հասկանամ,— ասաց Էրվինը։
Քեթն ընդհատեց նվազը։
— Մի վախենա։ Նախ, լսիր, իսկ հետո կսկսենք մտածել էշը ցեխից հանելու մասին։ Հասկանում ես, ծննդաբերելիս կանայք բղավում են։
— Շնորհակալ եմ,— պատասխանեյց Քեթը,— ես էլ կարծում էի, թե երգեր են երգում։
Շտիրլիցն օրորեց գլուխը, հոգոց հանեց։
— Հասկանում ես, նրանք բղավում են մայրենի լեզվով։ Այն տեղի բարբառով, ուր ծնվել են։ Ուրեմն, ստիպված կլինես ռյազանցու պես «մամոչկա» գոռալ․․․
Քեթը շարունակեք նվագել, բայց Շտիրլիցը տեսավ, ինչպես նրա աչքերը հանկարծ, միանգամից արցունքով լցվեցին։
— Ի՞նչ պիտի անենք,— հարցրեց Էրվինը։
— Իսկ եթե ձեզ Շվեդիա ուղարկե՞նք։ Ես կարող եմ գլուխ բերել։
— Եվ կմնաս առանց մի վերջին կապի՞,— հարցրեց Քեթը։
— Այստեղ կմնամ ես,— ասաց Էրվինը։
Շտիրլիցը բացասաբար շարժեց գլուխը։
— Քեզ մենակ բաց չեն թողնի, Միայն Էրվինի հետ լինելու դեպքում, որպես պատերազմի հաշմանդամ։ Նա առողջարանում բուժվելու կարիք ունի, հրավեր կա Ստոկհոլմի գերմանացի բարեկամներից․․․ Քեզ մենակ բաց չեն թողնի։ Չէ որ մեզ մոտ Էրվինի քեռին է հաշվառված որպես շվեդական նացիոստ և ոչ թե քո․․․
— Մենք այստեղ կմնանք,— ասաց Քեթը,— ոչինչ։ Ես գերմաներեն կբղավեմ։
— Մի քիչ ռուսական հայհոյանք կարող ես ավելացնել, բայց անպայման բեռլինյան առոգանությամբ,— կատակեց Շտիրլիցը։— Դա վաղը կորոշենք. կմտածենք առանց շտապելու և առանց հերոսական զեղումների։ Էրվին, գնացինք, անհրաժեշտ է կապի դուրս գալ։ Թե վաղն ինձ ինչ կպատասխանեն, դրանից էլ ելնելով կորոշենք ինչ անել։
Հինգ րոպե անց նրանք ելան տնից։ Էրվինի ձեռքին ճամպրուկ կար, ճամպրուկում՝ ռադիոկայան։ Մի տասնհինգ կիլոմետր հեռացան Ռանսդորֆի կողմը և այդտեղ, անտառում Շտիրլիցը հանգցրեց մեքենան։ Առաջվա պես ռմբակոծությունը շարունակվում էր։ Էրվինը նայեց ժամացույցին ու ասաց․
— Սկսեցի՞նք։
— Սկսեցինք։
«Յուստասն Ալեքսին
Առաջվա պես համոզված եմ, որ Արևմուտքի լուրջ քաղաքագետներից ոչ ոք ՍՍ-ի հետ բանակցությունների չի գնա։ Բայց քանի որ առաջադրանքը ստացել եմ, ձեռնամուխ եմ լինում իրականացմանը։
Կարծում եմ, որ այն կկատարվի, եթե ձեզնից ստացած տվյալների որոշ մասը հայտնեմ Հիմմլերին։ Հենվելով նրա աջակցության վրա, հետագայում կարող եմ հնարավորության ունենալ ուղղակիորեն հետևել նրանց, ովքեր ըստ ձեզ, հնարավոր բանակցությունների ճանապարհներ են շոշափում։ Հիմմլերին ուղղված իմ «մատնագիրը» (մասնակի բաները ես կկազմակերպեմ այստեղ, առանց ձեզ հետ խորհրդակցելու) կօգնի ինձ, ձեզ տեղեկացնել բոլոր նորությունների մասին, ինչպես ձեր վարկածի հաստատման, այնպես էլ նրա հերքման առումով։ Ներկայումս այլ ճանապարհ չեմ տեսնում։ Հավանության դեպքում Էրվինի միջոցով խնդրում եմ «այո» հաղորդել։
Յուստաս»
Այս տեղեկտգիրը Մոսկվայում ռումբի պայթյունի տպավորություն գործեց։
— Նա կործանման եզրին է,— ասաց Կենտրոնի ղեկավարը։— Եթե նա ուղղակիորեն գնա Հիմմլերի մոտ, տեղնուտեղը կկործանվի և նրան ոչինչ չի փրկի։ Անգամ եթե ընդունենք, թե Հիմմլերը որոշեց խաղ անել նրա հետ... Թեև դժվար, նա այն ֆիգուրան չէ ՍՍ-ի ռայխսֆյուրերի խաղերի համար։ Վաղն առավոտյան անհապաղ ու անվերապահ «ոչ» հաղորղեք նրան։
Այն, ինչ գիտեր Կենտրոնը, Շտիրլիցն իմանալ չէր կարող, քանի որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Կենտրոնի հավաքած տեղեկությունները Հիմմլերի մասին բացարձակ անսպասելի պատկերացում էին ստեղծում։
Տեղեկություն խորհրդածության համար
(Հիմմլեր)
... Նա արթնացավ միանգամից՝ ասես ուսը հրեցին։ Նստեց մահճակալին ու արագ չորս կողմը նայեց։ Ծայր աստիճան լռութլուն էր տիրում։ Փոքրիկ զարթեցուցիչի լուսավոր սլաքները ժամը հինգն էին ցույց տալիս։
«Վաղ է,— մտածեց Հիմմլերը,— գոնե մի ժամ էլ պիտի քնել։»
Նա հորանջեց ու շրջվեց պատի կողմը։ Բաց օդանցքից լսվում էր անտառի ձայնը։ Երեկոյից ձյուն էր գալիս, և Հիմմլերը պատկերացրեց, թե ինչ գեղեցկություն է հիմա այդ լուռ, դատարկ, ձմեռային անտառում։ Մեկեն մտածեց՝ ինքը կվախենար մենակ անտառ գնալ, այնպես, ինչպես երեխա ժամանակ։
Հիմմլերն իջավ մահճակալից, հագավ խալաթը և մոտեցավ սեղանին։ Առանց լույսը վառելու, նստեց փայտյա բազկաթոռի ծայրին և ձեռքն իջեցրեց սև հեռախոսի լսափողին։
«Պետք է զանգահարել աղջկանս,— մտածեց նա։— Կուրախանա։ Ուրախանալու քիչ բան ունի նա»։
Մեծ գրասեղանի ապակու տակ մի մեծ լուսանկար կար՝ երկու տղեկ չարաճճի և անհոգ ժպտում էին։
Հիմմլերն անսպասելիորեն հստակ տեսավ Նորմանին ու մտածեց, այդ ապիկարն է մեղավոր, որ ինքը հիմա չի կարող զանգահարել դստերն ու ասել․ «Բարև, մուկիկ, հայրիկն է խոսում։ Ի՞նչ երազ ես տեսել, արևս»։ Ինքն այժմ չի կարող զանգահարել տղաներին նույնպես այն պատճառով, որ նրանք ապօրինի ամուսնությունից են ծնվել։ Հիմմլերը հիշում էր, թե ինչպես Բորմանը լռեց, երբ քառասուներեք թվականին ինքը կուսակցության գանձարկղից ութսուն հազար մարկ խնդրեց Բավարիայում, ռմբակոծություններից հեռու, Մարթայի՝ իր երկու տղաների մոր համար փոքրիկ առանձնատուն կառուցելու նպատակով։ Հիշում էր, թե ինչպես ֆյուրերը, այդ մասին իմանալով Բորմանից, մի քանի անգամ տարակուսանքով զննեց իրեն ռազմակայանի ճաշկերույթների ժամանակ։ Դրա համար չէր կարողանում բաժանվել կնոջից, թեև արդեն վեց տարի չէր ապրում տանը։ «Բորմանն այստեղ մեղք չունի,— շարունակեց մտածել Հիմմլերը,— ես իրավացի չեմ։ Իմ այս վշտի մեջ այդ գեր անասունն էլ մեղք չունի։ Ամուսնալուծության հետ կապված բոլոր տեսակի նսեմացումների կգնայի որպես ռայխսֆյուրեր։ Բայց երբեք չէի կարող վնաս պատճառել աղջկանս»։
Հիմմլերը ժպտաց, հիշելով ամենասկիզբը, երբ քաղցած էին, երբ կնոջ հետ ապրում էր Նյուրնբերգում, փոքրիկ, մութ ու ցուրտ մի սենյակում։ Ընդամենը տասնութ տարի առաջ։ Այն ժամանակ ինքը Գրեգոր Շտրասսերի՝ ֆյուրերի «եղբոր» քարտուղարն էր։ Թափառում էր Գերմանիայով մեկ, քնում կայարաններում, սնվում հացով և սուրճ կոչվող շփոթով, կապեր կարգավորելով կուսակցական կազմակերպությունների միջև։ Այն ժամանակ, 1927 թվականին, նա դեռ չէր հասկանում, որ ՍՍ պահնորդական ջոկատներ ստեղծելու Շտրասսերի գաղափարը ծնվել էր ՍԱ[13]֊ի առաջնորդ Ռէմի դեմ սկսվող պայքարից։ Հիմմլերն այն ժամանակ հավատամ էր, որ ՍՍ֊ի ստեղծումն անհրաժեշտ է կուսակցության առաչնորդներին կարմիրներից պահպանելու համար։ Այն ժամանակ ինքը լրջորեն հավատում էր, որ կարմիրների գլխավոր խնդիրը մեծ առաջնորդ, աշխատավոր գերմանացիների միակ բարեկամ Ադոլֆ Հիտլերին ոչնչացնելն է։ Իր սեղանի վերևում կախեց Հիտլերի հսկայական դիմանկարը։ Երբ մի անգամ Հիտլերը Շտրասսերի մոտ մտավ և իր ահռելի նկարի տակ լղարիկ ու պեպենոտ մի երիտասարդ տեսավ, ասաց․
— Արժե՞ արդյոք կուսակցության լիդերներից մեկին այդքան վէր բարձրացնել մյուս նացիոնալ-սոցիալիստներից։
Հիմմլերը պատասխանեց.
— Ես մի կուսակցության մեջ եմ, որը ոչ թե լիդեր ունի, այլ առաջնորդ։
Հիտլերը հիշեց դա.
Ֆյուրերին առաջարկելով Հիմմլերին նշանակել նոր կազմակերպվող ՍՍ ջոկատների ռայխսֆյուրեր, Շտրասսերը հաշվի առավ, որ ՍՍ֊ը առաջին հերթին իրեն՝ Շտրասսերին կծառայի Ռէմի դեմ մղվող պայքարում, հանուն կուսակցության և ֆյուրերի վրա իր ազդեցության։ Առաջին էսէսականները երկուհարյուր հոգի էին, որ խմբվեցին Հիմմլերի ղեկավարության ներքո, ընդամենը երկուհարյուր հոգի։ Բայց ֆյուրերի հաղթանակը առանց ՍՍ-ի չէր լինի 1933 թվականին՝ Հիմմլերն իրեն հաշիվ տալիս էր այդ կապակցությամբ։ Թեև հաղթանակից հետո ֆյուրերը նրան նշանակեց սոսկ որպես Մյունխենի քրեական ոստիկանության պետ։ Հիմմլերի մոտ եկավ Գրեգոր Շտրասսերը, մի մարդ, որ նրան կուսակցության մեջ էր ընդունել, ՍՍ ջոկատների ստեղծման գաղափարն էր առաջ քաշել, կուսակցության տեսարանն ու գաղափարախոսը։ Այն ժամանակ Շտրասսերը հակադրվել էր ֆյուրերին, ուղղակի հայտարարելով կուսակցության վետերաններին, որ Հիտլերը ծախվել է ծանր արդյունաբերության փողատերերին, այդ արյունարբու կապիտալիստներ Կրուպպին և Տիսսենին։ «Ժողովուրդը մեր ետևից գնաց սոսկ այն պատճառով, որ մենք սրբազան պատերազմ հայտարարեցինք փողատերերին՝ թե՛ հրեա, թե՛ գերմանացի։ Հիտլերը նրանց հետ կապերի մեջ մտավ։ Նրա վերջը վատ կլինի, Հենրիխ,— այն ժամանակ ասաց Շտրասսերը,— ՍՍ֊ը կարող է էլ ավելի մեծ ուժ դառնալ և դուք կարող եք շարժումն իր վսեմ ու ազնիվ սկզբին վերադարձնել։
Բայց այն ժամանակ Հիմմլերն ընդհատեց Շտրասսերին է ասելով նրան, որ հավատարմությունը ֆյուրերին ՆՍԴԱՊ յուրաքանչյուր անդամի պարտքն է։
— Ձեր տարակարծությունները կարող եք համագումարին ներկայացնել, բայց դուք իրավունք չունեք ձեր հեղինակությունն օգտագործել օպոզիցիոն պայքարում՝ դա վնասում է կուսակցության միասնությանը։
Հիմմլերը մանրակրկիտ կերպով հետևում էր, թե ինչ է կատարվում կենտրոնում։ Նա տեսնում էր, որ հաղթանակով արբեցումը որոշակի չափով հետին պլան է մղել գործնական աշխատանքը, որ կուսակցության առաջնորդները Բեռլինում ելույթ են ունենում միտինգներում, գիշերներ են անցկացնում դիվանագիտական ընդունելություններում, մի խոսքով ազգային հաղթության քաղցր պտուղներն են ճաշակում, Հիմմլերը գտնում էր, որ այդ ամենը վաղաժամ է։ Եվ մի ամսվա ընթացքում կազմակերպեց ցուցադրական առաջին համակենտրոնացման ճամբարը Դախաուում։
— Սա իսկական գերմանական քաղաքացիականության, աշխատանքային դաստիարակության դպրոց է այն ութ միլիոնի մոտ, ովքեր քվեարկել են կոմունիստների օգտին,— ասում էր Հիմմլերը։— Անհեթեթ բան է այդ բոլորին համակենտրոնացման ճամբար նստեցնելը։ Անհրաժեշտ է սկըզբում տեռորի մթնոլորտ ստեղծել մեկ ճամբարում և աստիճանաբար այնտեղից դուրս թողնել կոտրված մարդկանց՝ և՛ կոմունիստներին, և՛ համակրողներին։ Այդ արձակվածները նացիոնալ֊սոցիալիզմի պրակտիկայի լավագույն ագիտատորները կլինեն։ Նրանք կկարողանան և՛ ընկերներին, և՛ երեխաներին մեր ռեժիմի նկատմամբ կրոնական խոնարհություն ներշնչել։
Գյորինգի անձնական ներկայացուցիչը շատ ժամեր անցկացրեց Դախաուում, իսկ հետո հարցրեց Հիմմլերին.
— Ձեզ չի՞ թվում արդյոք, որ համակենտրոնացման ճամբարը խիստ դատապարտում կառաջացնի Եվրոպայում և Ամերիկայում, թեկուզ այն առումով, որ այդ միջոցը հակասահմանադրական է։
— Ռեժիմի թշնամիների բանտարկումը ինչո՞ւ եք ոչ-սահմանադրական համարում։
— Որովհետև ձեր ձերբակալած մարդկանց մեծամասնությունը նույնիսկ դատարանի դահլիճում չի եղել։ Ոչ ձի մեղադրական եզրակացության, օրինականության ոչ մի նշույլ․․․
Հիմմլերը խոստացավ մտածել այդ հարցի վրա։ Գյորինգի ներկայացուցիչը մեկնեց, իսկ Հիմմլերն անձնական նամակ գրեց Հիտլերին, որով հիմնավորեց ձերբակալությունների անհրաժեշտությունը և բանտարկությունները համակենտրոնացման ճամբարներում առանց դատի և հետաքննության։
«Դա սոսկ մարդասիրական միջոց է նացիոնալ֊սոցիալիզմի թշնամիներին ժողովրդական զայրույթից փրկելու համար։ Եթե ազգի թշնամիներին չնստեցնեինք համակենտրոնացման ճամբար, նրանց կյանքի համար պատասխանատու չէինք կարող լինել՝ ժողովուրդն ինքը դատաստան կտեսներ նրանց հետ»։
Հենց նույն օրը Հիմմլերը վիթխարի միտինգ հավաքեց և բառ առ բառ այդ բոլորն ասաց այնտեղ, իսկ հաջորդ օրը նրա ճառը տպագրվեց բոլոր թերթերում։
Իսկ երբ 1933 թվականին անմիջապես Գյորինգին ենթարկվող բեռլինյան ոստիկանությունում կաշառակերների հետ կապված սկանդալ պայթեց, Հիմմլերը գիշերով մեկնեց Մյունխենից և առավոտյան տեսակցություն ստացավ ֆյուրերի մոտ։ Նա խնդրեց «ծախու», հնառեժիմ ոստիկանությունը» հանձնել «ժողովրդի լավագույն զավակների»՝ ՍՍ֊ի հսկողությանը։
Հիտլերը չէր ցանկանում նեղացնել Գյորինգին։ Նա պարզապես ամուր սեղմեց Հիմմլերի ձեռքը և, ուղեկցելով նրան մինչև առանձնասենյակի դուռը, մոտիկից, զննող հայացքով նայեց աչքերի մեջ ու հանկարծ, ուրախ ժպտալով, ասաց․
— Առաջիկայում համենայն դեպս ձեր խելացի առաջարկությունները մեկ օր շուտ ուղարկեք, ես նկատի ունեմ ինձ ուղղված ձեր գրությունը և նույնանման ելույթը Մյունխենի միտինգին։
Հիմմլերը վերադարձավ տրամադրությունն ընկած։ Բայց մեկ ամիս անց, առանց Բեռլին կանչվելու, նշանակվեց Մեկլենբուրգի և Լյուբեկի քաղաքական ոստիկանության պետ, ևս մեկ ամիս անց, դեկտեմբերի քսանին՝ Բադենի, դեկտեմբերի 21֊ին՝ Հեսսենի, դեկտեմբերի 24-ին՝ Բրեմենի, 25-ին՝ Սաքսոնիայի և Թյուրինգիայի, 27֊ին՝ Համբուրգի քաղաքական ոստիկանությունների պետ։ Մի շաբաթվա ընթացքում նա դարձավ Գերմանիայի ոստիկանության պետը, բացառությամբ Պրուսիայի, որ առաջվա պես ենթարկվում էր Գյորինգին։ Հիտլերը մի անգամ Գյորինգին կոմպրոմիս առաջարկեց՝ Հիմմլերին նշանակել ամբողջ ռայխի գաղտնի ոստիկանության պետ, բայց որ նա լինի Գյորինզի ենթակայության ներքո։ Ռայխսմարշալն ընդունեց ֆյուրերի այդ առաջարկությունը։ Նա իր քարտուղարությանը ցուցում տվեց ֆյուրերի գրասենյակով անցկացնել Հիմմլերին ներքին գործերի մինիստրի տեղակալի և գաղտնի ոստիկանության պետի տիտղոս շնորհելու որոշումը, կաբինետի նիստերին մասնակցելու իրավունքով, երբ քննարկվում էին ոստիկանությանն առնչվող հարցեր։ «Եվ ռայխի անվտանգության» դարձվածքը նա իր ձեռքով ջնջեց։ Դա չափազանց շատ կլիներ Հիմմլերի համար։
Հենց որ Հիմմլերը դա տպագրված տեսավ թերթերում, մամուլով զբաղվող իր աշխատակիցներին խնդրեց իր նշանակումը մեկնաբանել այլ կերպ։ Կոմպրոմիսի գնալով, Գյորինգը թույլ էր տվել իր գլխավոր սխալը, մոռացել էր, որ դեռևս ոչ ոք չի վերացրել Հիմմլերի գլխավոր տիտղոսը «ՍՍ֊ի ռայխսֆյուրեր»։ Եվ ահա հաջորդ օրը կենտրոնական բոլոր թերթերը լույս տեսան այս մեկնաբանությամբ․ «Նացիոնալ֊սոցիալիստական իրավագիտության հաղթանակը՝ ՍՍ֊ի ռայխսֆյուրեր Հիմմլերի ձեռքերում միավորվեց քրեական, քաղաքական ոստիկանությունը, գեստապոն և ժանդարմերիան։ Սա նախազգուշացում է ռայխի բոլոր թշնամիներին՝ նացիոնալ֊սոցիալիզմի պատժող ձեռքը բարձրացված է յուրաքանչյուր օպոզիցիոների, յուրաքանչյուր հակառակորդի վրա՝ ներքին և արտաքին»։
Նա տեղափոխվեց Բեռլին, «Ամ Դոննենստագ» շքեղ վիլլան, Ռիբենտրոպին դրկից։ Ու մինչդեռ շարունակվում էր կոմունիստների նկատմամբ տարած հաղթանակի առթիվ ցնծությունը, Հիմմլերն իր օգնական Հեյդրիխի հետ սկսեց դոսյեներ հավաքել։ Իր նախկին պետի՝ Գրեգոր Շտրասսերի վրա եղած դոսյեն Հիմմլերն անձամբ էր վարում։ Նա հասկացավ, որ ինքը լիովին հաղթել կարող է միայն թափելով իր ուսուցչի և առաջին խորհրդատուի՝ Շտրասսերի արյունը։ Դրա համար էլ նա հատուկ բծախնդրությամբ մասնիկ-մասնիկ հավաքում էր այն ամենը, ինչ կարող էր Շտրասսերին գնդակահարության հասցնել։ 1934 թվականի հունիսին Հիտլերը կանչեց Հիմմլերին՝ հակառէմական առաջիկա գործողությունների առթիվ զրույցի։ Հիմմլերը սպասում էր դրան։ Նա հասկանում էր, որ Ռէմի դեմ գործողությունները սոսկ առիթ են ոչնչացնելու բոլոր նրանց, ում հետ սկսել է Հիտլերը։ Նրանց համար, ում հետ սկսել էր, Ադոլֆ Հիտլերը մարդ էր, կուսակցական եղբայր, իսկ այժմ Ադոլֆ Հիտլերը գերմանացիների համար առաջնորդ ու աստված պիտի դառնար։ Կուսակցության վետերանները նրա համար բեռ էին դարձել։
Հիմմլերը պարզ հասկանում էր դա, լսելով, թե ինչպես Հիտլերը որոտ ու կայծակ էր թափում այն «վետերանների բացարձակապես աննշան մասի» հասցեին, ովքեր ընկել էին թշնամական ագիտացիայի ազդեցության տակ։ Հիտլերը ողջ ճշմարտությունը ոչ ոքի, նույնիսկ մերձավորագույն ընկերներին չէր կարող ասել։ Հիմմլերը դա էլ էր հասկանում, նա օգնեց ֆյուրերին՝ սեղանին դրեց չորս հազար վետերանների դոսյեներ, փաստորեն բոլոր նրանց, ում հետ Հիտլերն սկսել էր նացիոնալ֊սոցիալիստական կուսակցությունն ստեղծել։ Հոգեբանորեն ճշգրիտ հաշվարկ արեց՝ Հիտլերն այդ ծառայությունը չի մոռանա։ Ոչինչ այնպես չի գնահատվում, ինչպես օգնությունը ոճրագործության ինքնարդարացման համար։
Բայց Հիմմլերն ավելի հեռուն գնաց, հասկանալով ֆյուրերի մտադրությունը, նա որոշեց այնքանով անհրաժեշտ դառնալ նրա համար, որպեսզի հետագայում նմանօրինակ գործողություններն անցկացվեն միայն իր նախաձեոնությամբ։
Դրա համար էլ Գյորինգի ամառանոցի ճանապարհին Հիմմլերը թատրոն սարքեց․ դրածո մի գործակալ, ռէմական ՍՍ-ի համազգեստով կրակեց ֆյուրերի բաց մեքենայի վրա, և Հիմմլերը, առաջնորդին իր մարմնով ծածկելով, բղավեց, առաջինը՝ կուսակցության մեջ.
— Իմ ֆյուրեր, որքան երջանիկ եմ, որ կարող եմ արյունս տալ ձեր կյանքի համար։
Մինչ այդ ոչ ոք չէր ասել «իմ ֆյուրեր»։ Հիմմլերը դարձավ աստծուն, «իր» աստծուն ուղղված դիմումի հեղինակ։
— Այս րոպեից դուք իմ արյունակից եղբայրն եք, Հենրիխ,— ասաց Հիտլերը, և նրա այդ խոսքերը լսեցին չորս կողմը կանգնած մարդիկ։
Իսկ այն բանից հետո, երբ Հիմմլերն անցկացրեց Ռէմի ոչնչացման օպերացիան, երբ գնդակահարվեց նրա ուսուցիչ Շտրասսերն ու կուսակցության ևս չորս հազար վետերաններ, գրչակներն անհապաղ մի առասպել հնարեցին այն մասին, որ հենց Հիմմլերն է ֆյուրերի կողքին կանգնած եղել շարժման սկզբից ևեթ։
Հետագայում, բարեկամական ձեռքսեղմումներ փոխանակելով Գյորինգի, Հեսսի, Գեբբելսի հետ ֆյուրերի մոտ կայացող «տաֆելրունդ»[14]-ներին, ուր մուտք ունեին միայն ամենամոտ մարդիկ, Հիմմլերը ոչ մի րոպե չէր դադարում դոսյեներ հավաքել «իր մարտական ընկերների» վրա։
16.2.1945 (Ժամը 03-ն անց 12 րոպե)
Էրվինին հասցնելով տուն, Շտիրլիցը շատ դանդաղ էր գնում, որովհետև կենտրոնի հետ յուրաքանչյուր սեանսից հետո հոգնում էր։
Ճանապարհն անցնում էր անտառով։ Քամին հանդարտվել էր։ Երկինքը մաքուր էր, աստղաշատ, խորը։
«Չնայած Մոսկվան իրավացի է, բանակցությունների հնարավորություն ենթադրելով,— շարունակում էր մտածել Շտիրլիցը։— Անգամ եթե ոչ մի կոնկրետ տվյալներ չունեն, նման բան հնարավոր է, քանի որ տրամաբանական է։ Մոսկվայում գիտեն այն գզվռտոցի մասին, որ այստեղ գնում է ֆյուրերի շուրջը։ Առաջ այդ գզվռտոցը նպատակաուղղված էր՝ ավելի մոտ կանգնել ֆյուրերին։ Այժմ հնարավոր է հակառակ պրոցեսը, նրանք բոլորը՝ և՛ Գյորինգը, և՛ Բորմանը, և՛ Հիմմլերը, և՛ Ռիբենտրոպը շահագրգռված են, որպեսզի պահպանվի ռայխը, նրանցից յուրաքանչյուրի համար սեպարատ հաշտությունը, եթե որևէ մեկը հասնի դրան, _անձնական_ փրկություն է նշանակում, նրանցից յուրաքանչյուրն իր մասին է մտածում, բայց ոչ երբեք Գերմանիայի և գերմանացիների ճակատագրի մասին։ Տվյալ դեպքում հիսուն միլիոն գերմանացիները հանուն իրենց տարվող խաղի խաղաքարտերն են, Քանի դեռ նրանք իրենց ձեռքում են պահպանում բանակը, ոստիկանությունը, ՍՍ֊ը, կարող են ռայխը շրջել ուր ասես, միայն թե անձնական անձեռնմխելիության երաշխիքն ստանան...»։
Վառ լույսի ճառագայթը կուրացրեց Շտիրլիցի աչքերը, նա կկոցեց աչքերն ու մեքենայաբար սեղմեց արգելակը։ Թփերից դուրս ելան ՍՍ֊ի երկու մոտոցիկլ։ Նրանք կտրեցին ճանապարհը, և մոտոցիկլիստներից մեկն ավտոմատն ուղղեց Շտիրլիցի մեքենայի վրա։
— Ջեր փաստաթղթերը,— ասաց նա։
Շտիրլիցը նրան մեկնեց վկայականն ու հարցրեց.
— Ի՞նչ է պատահել։
Մոտոցիկլիստը նայեց վկայականին ու պատվի բռնելով, պատասխանեց.
— Մեզ տագնապի ազդանշանով արթնացրին։ Ռադիստներ ենք փնտրում։
— Եվ ինչպե՞ս,— հարցրեց Շտիրլիցը, փաստաթուղթը պահելով գրպանում։— Առայժմ ոչինչ չկա՞։
— Ձեր մեքենան առաջինն է։
— Ուզո՞ւմ եք բեռնատեղը նայել,— ժպտաց Շտիրլիցը։
Մոտոցիկլիստները ծիծաղեցին․
— Առջևում երկու ձագար կա, զգույշ մնացեք, շտանդարտենֆյուրեր։
— Շնորհակալություն,― պատասխանեց Շտիրլիցը։— Ես միշտ զգույշ եմ...
«Էրվինից հետո են իրար անցել,— հասկացավ նա,— նրանք կտրում են արևելք և հարավ տանող ճանապարհները։ Ընդհանրապես բավական միամիտ բան է, թեև սկզբունքորեն ճիշտ է, եթե գործը Գերմանիան չիմացող դիլենտանաին վերաբերվի․․․
Նա շրջանցեց ձագարները։ Դրանք թարմ էին, օդանցքից թեթև խանձահոտ փչեց։
«Անդրադառնանք մեր ոչխարներին,— շարունակեց մտածել Շտիրլիցը,— թեև այնքան էլ ոչխար չեն նրանք, ինչպես նկարում են Կուկրինիկսները և Եֆիմովը։ Ուրեմն, բանալին, որն ինձ համար հաստատում եմ, սա՛ է՝ Ռիբենտրոպի, Գյորինգի կամ Բորմանի անձնական շահագրգռվածությունը խաղաղության հարցում։ Այն բանից հետո, երբ ես կմշակեմ ռայխի բարձր ոլորտները, հարկ կլինի խիստ ուշադիր զննել Շպեերին։ Մի մարդ, որ ղեկավարում է Գերմանիայի արդյունաբերությունը ոչ միայն տաղանդավոր ինժեներ է, հավանաբար նա լուրջ քաղաքագետ է, իսկ այս դեմքով, որն ուղղակիորեն կապ ունի Արևմուտքի գործարար աշխարհի լիդերների հետ, ես խելքը գլխին չեմ զբաղվել»։
Շտիրլիցը մեքենան կանգնեցրեց լճի մոտ։ Մթության մեջ չէր տեսնում լիճը, բայց գիտեր, որ այն սկսվում է կեչիներից հետո. նա սիրում էր ամռանն այստեղ գալ, երբ թանձր խեժահոտ բռնած օդը հատում էին ծառերի դեղին բները և արևի ճառագայթների սպիտակ սյուները, որոնք թափանցում էին վիթխարի, փշփշոտ սաղարթների արանքից։ Ամռանը նա հեռանում էր թավուտը, պառկում բարձր խոտերի մեջ, անշարժ պառկում էր ժամերով։ Սկզբում նրան թվում էր, թե իրեն այստեղ է ձգում այն, որ լուռ է, մարդ չկա, աղմկոտ լողափեր չկան, այլ դեղնակապույտ կեչիներ են և սպիտակ ավազ սև լճի շուրջը։ Բայց հետո Շտիրլիցը ևս մի քանի նման խաղաղ, անմարդ անկյուններ գտավ Բեռլինի շրջակայքում. և՛ կաղնու անտառակները Նաուենի մոտ, և՛ Զաքսենհաուզենի հսկայական անտառները, որոնք կապույտ էին թվում, հատկապես գարնանը, ձնհալի ժամանակ, երբ մերկանում էր գորշ հողը։ Հետո Շտիրլիցը հասկացավ, որ այդ փոքրիկ լիճն իրեն ձգում էր, որովհևսէև ինքը հասակ էր առել Վոլգայի վրա, Գորոխովեցի մոտ, ուր միշտ այդպիսի դեղնա֊կապույտ կեչիներ կան և սպիտակ ավազ, և սև լճեր թավուտերում, որոնք ամռան կեսին կանաչով են պատում։ Լճի մոտ գալու այդ ցանկությունը նրա մոտ մի տեսակ մեքենայաբար էր լինում և երբեմն Շաիրլիցը վախենում էր իր մշտական ցանկությունից, քանի որ աստիճանաբար նա այստեղից հեռանում էր թուլացած, փափկած և խմելու ցանկություն էր առաջանում... Երբ քսաներկու թվականին Ձերժինսկու հանձնարարությամբ նա Վլադիվաստոկից հեռացավ սպիտակ բանակի մնացորդների հետ և սկզբում աշխատում էր տարագրությունը ներսից քայքայելու ուղղությամբ Ճապոնիայում, Մանջուրիայում և Չինաստանում, այնքան դժվար չէր իր համար, որովհետն ասիական այդ երկրներում նրան ոչինչ չէր հիշեցնում տունը։ Բնությունն այդ տեղերում ավելի նրբագեղ է, մանրանկարային, կանոնավորված և չափազանց սիրուն։ Երբ նա Կենտրոնի հանձնարարությունն ստացավ անցնել նացիստների դեմ պայքարին, երբ ստիպված եղավ անձնագիրը «կորցնելով» Ավստրալիա մեկնել, որպեսզի այնտեղ Սիդնեյի դեսպանատանը հայտնի իր մասին, Շանհայում կողոպտված ֆոն Շտիրլիցի մասին, առաջին անգամ հայրենաբաղձության նոպա ունեցավ, երբ պատահական մեքնայով Սիդնեյից Կանբերրա էր գնում։ Մեքենան անցնում էր վիթխարի անտառի միջով և նրան թվաց, թե տեղափոխվել է, Տամբովշչինա, բայց երբ մեքենան յոթանասունութերորդ մղոնի վրա կանգնեց բարի մոտ և նա գնաց թափառելու, քանի դեռ ուղեկիցները սպասում էին իրենց սենդվիչներին ու սուրճին, հասկացավ, որ այդ անտառները բոլորովին էլ այն չեն, ինչ Ռուսաստանում. դրանք էվկալիպտի անտառներ են՝ բարկ, շատ հաճելի, բայց բոլորովին ոչ հայրենի հոտով։ Նոր անձնագիր ստանալով և Սիդնեյում մեկ տարի աշխատելով հյուրանոցում, որի տերը գերմանացի էր և ֆինանսապես օգնում էր նացիստներին, նրա խնդիրքով Շտիրլիցը Նյու֊Յորք տեղափոխվեց, աշխատանքի ընդունվեց գերմանական դեսպանություն, ընդունվեց նՍԴԱՊ շարքերը և կատարեց ռայխի գաղտնի ծառայության առաջին հանձնարարությունները։ Նրան Պորտուգալիա տեղափոխեցին արդեն պաշտոնապես, որպես ՍԴ֊ի սպա։ Այնտեղ աշխատեց առևտրական միսիայում այնքան ժամանակ, մինչև որ Իսպանիայում բռնկվեց Ֆրանկոյի խոովությունը։ Այդ ժամանակ նա հայտնվեց Բուրգոսում ՍԴ֊ի համազգեստով, կյանքում առաջին անգամ։ Եվ այդ օրից ի վեր նա ժամանակի մեծ մասն ապրում էր Բեռլինում, կարճատև գործուղումների մեկնելով մեկ Տոկիո (այստեղ պատերազմից առաջ նա վերջին անգամ տեսավ Զորգեին), մեկ՝ Փարիզ, մեկ՝ Բեռն։ Եվ ուր էլ ճանապարհորդեր, միակ տեղը, որ նրան ձգում էր, այս փոքրիկ լճակն էր կեչու անտառում։ Գերմանիայում այս տեղը նրա Ռուսաստանն էր, որտեղ իրեն զգում էր, ինչպես տանը, այստեղ կարող էր ժամերով պառկել խոտերի մեջ ու նայել ամպերին։ Սովոր վերլուծելու և՛ դեպքերը, և՛ մարդկանց, և՛ իր իսկ նվազագույն հոգեկան խաղերը։ Նա գտավ, որ նախասկզբնականորեն տրամաբանական է ձգտումը դեպի հենց այս կեչուտը, որ դրա մեջ անբացատրելի, միստիկական ոչինչ չկա։Նա դա հասկացավ, երբ մի անգամ ամբողջ օրով այստեղ եկավ, հետը վերցնելով տնտեսուհու պատրաստած նախաճաշը, մի քանի բուտերբրոդ երշիկով ու պանրով, մի շիշ կաթ և սուրճ՝ թերմոսի մեջ։ Այն օրը նա սպինինգ վերցրեց հետը՝ գայլաձկան առատ ժամանակն էր, և երկու կարթ։ Շտիրլիցը կես սև հաց գնեց ծածաններին կերակրելու համար, գիտեր, որ նման լճակներում շատ ծածան է լինում։ Շտիրլիցը մի քիչ սև հաց փշրեց եղեգնի մոտ, ապա անտառ վերադարձավ, ծածկոցի վրա դասավորերվ իր նախաճաշը՝ խնամքով դասավորած ցելոֆանե տոպրակների մեջ, նման խանութի ցուցափեղկերում դրված բուտաֆորիայի։ Եվ հանկարծ, երբ ճամփորդական կապույտ բաժակի մեք կաթ լցրեց, տրամադրությունն ընկավ այդ ցուցափեղկային կարագահացերից և նա սկսեց պոկել սև հացից և ուտել մեծ կտորներով, վրան կաթ խմելով։ Ու մի անուշ և դառը բան զգաց, միաժամանակ՝ ուրախ ու անհանգիստ։ Նա հիշեց նույնպիսի խոտ, նույնպիսի կապույտ անտառ և մոր ձեռքերը, հիշում էր միայն մատները՝ երկար ու քնքուշ, և նույնպիսի սև հաց ու կաթը կավե կճուճում, և բոռը, որ կծեց իր վիզը, և սպիտակ ավազը, և ջուրը, որի մեջ բղավելով ընկավ ինքը, և մոր ծիծաղը, և մժղուկի բարակ ծվոցը մայրամուտի սպիտակ երկնքի վրա...
«Ինչո՞ւ կանգ առա,— մտածեց Շտիրլիցը, դանդաղ քայլելով խավար խճուղու վրա։— Հհա՜, հանգստանալ ուզեցի... Եվ հանգստացա։ Չմոռանամ, վաղը Ալեքսի պատասխանի համար Էրվինի մոտ գնալիս պահածոյած կաթ վերցնեմ։ Անպայման կմոռան՜ամ։ Ես պետք է կաթը հիմա դնեմ մեքենայի մեջ, այն էլ անպայման առջևում»։
Տեղեկություն խորհրդածության համար
(Հիմմլեր)
Հիմմլերը ելավ բազկաթոռից, մոտեցավ լուսամատին․ ձմեռային անտառն ապշեցուցիչ գեղեցիկ էր՝ ձյունի ողկույզները կայծկլտում էին լուսնի լույսի տակ, լռություն էր պատել աշխարհին։
Հիմմլերը հանկարծ հիշեց, թե ինչպես ինքը սկսեց օպերացիան ֆյուրերի ամենամոտ մարդու՝ Հեսսի դեմ։ Ճիշտ է, ինչ֊որ մի պահ Հիմմլերի կյանքն այն ժամանակ մազից էր կախված. Հիտլերը հակադիր որոշումների մարդ էր։ Իր մարդկանցից Հիմմլերը մի կինոժապավեն ստացավ, որի վրա պատկերված էր Հեսսը զուգարանում, օնանիզմով զբաղվելիս։ Ժապավենն առած, Հիմմլերն անհապաղ գնաց Հիտլերի մոտ ու ցույց տվեց դա էկրանի վրա։ Ֆյուրերը կատաղեց։ Գիշեր էր, բայց նա հրամայեց իր մոտ կանչել Գյորինգին և Գեբբելսին, իսկ Հեսսին հրավիրել ընդունարան։ Ամենից առաջ Գյորինգը եկավ, շատ գունատված։ Հիմմլերը գիտեր, թե ինչու է այդպես վախեցած ռայխսմարշալը՝ բուռն սիրավեպ ուներ վիենացի մի պարուհու հետ։ Հիտլերը խնդրեց իր ընկերներին նայել «Հեսսի այդ նողկալիությունը»։ Գյորինգը հոհռաց։ Հիտլերը բղավեց նրա վրա. «Չի կարելի անսիրտ լինել»։ Նա Հեսսին առանձնասենյակ հրավիրեց, վազելով մոտեցավ նրան ու բղավեց.
— Կեղտոտ, հոտած սրիկա։ Օնանիզմով ես զբաղվում։
Ե՛վ Հիմմլերը, և՛ Գյորինգը, և՛ Գեբբելսը հասկանում էին, որ իրենք ներկա են հսկայի կործանմանը՝ Հեսսը կուսակցության երկրորդ մարդն էր։
— Այո՛,— բոլորի համար անսպասելիորեն հանգիստ պատասխանեց Հեսսը։— Այո՛, իմ ֆյուրեր։ Ես չեմ թարքցնի դա։ Ինչու եմ այդպես անում։ Ինչու չեմ քնում դերասանուհիների հետ։— Նա չնայեց Գեբբելսին, բայց սա ընկղմվեց բազկաթոռի մեջ (հասունանում էր նրա սիրուհու՝ չեխ դերասանուհի Բաարովայի հետ կապված սկանդալը)։— Ինչու մի գիշերով Վիեննա չեմ գնում բալետի ներկայացման։ Որովհետև ապրում եմ լոկ մի՛ բանով՝ կուսակցությա՛մբ։ Իսկ կուսակցությունը և դու՝ Ադոլֆ, միևնույն բանն եք ինձ համար։ Ես անձնական կյանքի ժամանակ չունեմ։ Ես մենակ եմ ապրում։
Հիտլերը, կակղեց, մոտեցավ Հեսսին, անվարժ գրկեց նրան, շոյեց ծոծրակը։ Հեսսը շահեց մարտը։ Հիմմլերը կծկվեց, նա գիտեր, որ Հեսսը կարողանում է վրեժ լուծել։ Երբ Հեսսը գնաց, Հիտլերն ասաց.
— Հիմմլեր, նրա համար մի կին ընտրեք։ Ես հասկանում եմ այդ սքանչելի և շարժմանը հավատարիմ մարդուն։ Ինձ ցույց տվեք թեկնածուների լուսանկարները՝ նա իմ երաշխավորությունը կընդունի։
Հիմմլերը հասկացավ, հիմա ամեն բան կարող է վճռել ակնթարթը։ Սպասելով, մինչև Գյորինգն ու Գեբբելսը տուն գնացին, նա ասաց.
— Իմ ֆյուրեր, նացիոնալ-սոցիալիզմի համար դուք հավատարիմ մի մարտիկի փրկեցիք։ Մենք բոլորս գնահատում ենք Հեսսի անձնվիրությունը։ Ոչ ոք չէր կարող այդպես իմաստուն որոշել նրա ճակատագիրը։ Դրա համար էլ թույլ տվեք հենց հիմա, անհապաղ, ևս մի քանի նյութեր բերել ձեզ։ Ձեր զինվորներին պետք է օգնել այնպես, ինչպես դուք օգնեցիք Հեսսին։
Եվ նա հիտլերին բերեց աշխատանքային ճակատի առաջնորդ Լեյի վրա եղած դոսյեն։ Սա ալկոհոլիկ էր, նրա հարբած վիճակում սարքած սկանդալները ոչ ոքի համար գաղտնիք չէին, բացի Հիտլերից։ Հիմմլերը ներկայացրեց նաև Գեբբելսի՝ «բաբելոբերգյան ցլիկի» վրա եղած դոսյեն. սրա խենթ կապերը ամենևին էլ ոչ զտարյուն կանանց հետ շփոթեցնում էին իսկական նացիոնալ֊սոցիալիստներին։ Այդ գիշեր Հիտլերի սեղանին դրվեցին նաև Բորմանին վարկաբեկող նյութեր։
— Ո՛չ, ո՛չ,— Բորմանին պաշտպան կանգնեց Հիտլերը,— նա շատ երեխաներ ունի։ Դա բամբասանք է։
Հիմմլերը չսկսեց Հիտլերին հակառակը համոզել, բայց նկատեց, թե ֆյուրերն ինչպիսի հետաքրքրասիրությամբ է թերթում նյութերը, ինչպես է մի քանի անգամ կարդում գործակալների հաղորդագրությունները, և Հիմմլերը հասկացավ, որ ֆյուրերին, շահել է վերջնականապես։
Հիմմլերի, որպես ՍՍ-ի առաջնորդի տասնամյա հոբելյանը Հիտլերը հրամայեց նշել ամբողջ Գերմանիայում։ Այդ օրվանից բոլոր հաուլայտերները՝ գավառների կուսակցական առաջնորդները, հասկացան, որ Հիտլերից հետո միակ մարդը Հիմմլերն է, որ լիակատար իշխանություն ունի։ Կուսակցության տեղական բոլոր կազմակերպություններն սկսեցին հիմնական ինֆորմացիան երկու հասցեով ուղարկել՝ և՛ կուսակցության շտաբ՝ Հեսսին, և՛ Հիմմլերի գրասենյակ։ Հատկապես վստահելի գործակալների խմբից ստացվող նյութերը չէին անցնում բաժիններով, այլ իսկույն տեղ էին գտնում նրա անձնական զրահապատ արխիվներում․ դրանք կուսակցության առաջնորդներին վարկաբեկող տվյալներ էին։ Իսկ 1942 թվականին Հիմմլերն իր չհրկիզվող պահարանը դրեց ֆյուրերին վարկաբեկող առաջին նյութերը։
Քառասուներեք թվականին, Ստալինգրադից հետո, այդ փաստաթղթերը նա համարձակվեց ցույց տալ իր մերձավորագույն ընկերներից մեկին՝ դոկտոր Քերստենին՝ ռայխի լավագույն բժշկին ու մասաժիստին։ Այն ժամանակ նա փակեց դուռը և պահարանից հանեց ֆյուրերի հիվանդության թերթիկի պատճենը։ Անսպասելիությունից Քերստենն ընկավ բազմոցին՝ բժշկական գործից ամենայն որոշակիությամբ պարզ էր դառնում՝ ֆյուրերը ծանրագույն սիֆիլիս է ունեցել։
Թերթելով բոլոր յոթանասուն էջերը, Քերստենը ցածրաձայն ասաց.
— Նա առաջին ստադիայի զարգացող կաթված ունի... նա արդեն հոգեպես աննորմալ է...
— Գուցե դուք կհամաձայնե՞ք նրան բուժել,— հարցրեց Հիմմլերը։
— Ֆյուրերը չափազանց վտանգավոր հիվանդ է, բժիշկներին փոխելու համար։ Ով նրա վախճանը կամենա, նա էլ կփոխի բժիշկներին...
Հենց այղ ժամանակ էլ Հիմմլերը լուռ համաձայնություն տվեց իր քաղաքական հետախուզությսւն պետ, ՍՍ֊ի բրիգադենֆյուրեր Վալտեր Շելլենբերգին տնտղել արևմտյան դաշնակիցներին՝ ինչ չափով են նրանք պատրաստ պատվավոր խաղաղություն կնքել Գերմանիայի հետ։ Նա հետևում էր, թե գեներալական օպոզիցիայի դավադիրներն ինչպես են վարում խաղը Ալեն Դալլեսի՝ Բեռնում ամերիկյան հետախուզության ներկայացուցչի հետ։ Նա հատկապես երկար կանգ առավ դավադիրներից մեկի հաղորդագրության վրա. «Արևմուտքի ներկայացուցիչները բարեհաճորեն տրամադրվեցին բանակցությունների և ռայխի հետ խաղաղությանը, բոլշևիզմի վախից դրդված, բայց երկյուղ են կրում ֆյուրերի անկայուն հանճարի կապակցությամբ և նրան վստահության անարժան գործակից են համարում բանակցելու համար։ Նրանք փնտրում են մի փոքր խումբ մտավորական, զգաստ և վստահության արժանի անձանց, այնպիսին, ինչպիսին ՍՍ-ի ռայխսֆյուրերն է...»
«Ես վախկոտի մեկն էի,— շարունակում էր մտածել Հիմմլերը, առաջվա պևս ականջ դնելով սոճու անտառի լռությանը,— քառասունչորս թվականի հուլիսի քսանին, Հիտլերի վրա մահափորձից հինգ ժամ անց կարող էի Գերմանիայի ֆյուրերը դառնալ։ Ես հնարավորություն ունեի ամեն ինչ ձեռքս վերցնել Բեռլինում, քանի դեռ խուճապ ու քաոս էր տիրում։ Հնարավորություն ունեի Հերդլերին ոչ թե բանտ նետել, այլ Բեռն ուղարկել, Դալլեսի մոտ, խաղաղության առաջարկությամբ։ Ֆյուրերին, Գեբբելսին և Բորմանին գնդակահարել, ինչպես այն ժամանակ, երեսունչորս թվականին Շտրասսերին։ Թող նրանք նույնպես դեսուդեն ընկնեին սենյակում, փռվեին հատակին, աղերսեին խնայել... Թեև ոչ... Հիտլերը երբեք չէր աղերսի: Իմիջիայլոց, Գեբբելսը՝ նույնպես։ Կաղաչեր, կպաղատեր Բորմանը, նա շատ է սիրում կյանքը և ծայրաստիճան զգաստ է նայում աշխարհին... Իսկ ես փոքրոգություն ցուցաբերեցի, հիշեցի ֆյուրերի կողքին անցկացրած իմ լավագույն օրերը, ես լաթի մեկն էի... ինձ հույզերը հաղթեցին...»։
Հիմմլերն այն ժամանակ աշխատեց հուլիսյան այդ պարտությունից գերագույն օգուտ քաղել անձամբ իր համար։ Բեռլինում խռովությունը ճնշեց Գեբբելսը, իսկ Հիմմլերը նրանից խլեց հաղթանակը։ Նա գիտեր ինչին խփել։ Ֆանատիկոս Գեբբելսը կարող էր տալ իր հաղթանակը, սոսկ խլացած կուսակցական դարձվածաբանությամբ՝ իր իսկ ծնած, դրա համար էլ այդչափ սուր զգացողությամբ իր իսկ կողմից ընկալվող։ Հիմմլերը բացատրեց Գեբբելսին ՍՍ֊ի և գեստապոյի դերի անհապաղ փառաբանման անհրաժեշտությունը խռովության ճնշման գործում։ «Մենք պետք է ժողովրդին բացատրենք,— ասում էր նա Գեբբելսին,― որ ուրիշ ոչ մի պետություն չէր կարող այդպես վճռականորեն վնասազերծել վարձու մարդասպանների բանդան, բացի մերից, որն ունի ՍՍ-ի հերոսներ»։
Մամուլում և ռադիոյով ծավալվեց կամպանիա, նվիրված «ՍՍ֊ի սխրագործությանը»։ Այն ժամանակ Հիտլերը հատկապես բարի էր Հիմմլերի նկատմամբ։ Եվ ինչ֊որ մի ժամանակ Հիմմլերին թվաց, թե զլխավոր պարտությունը հաղթանակի է վերածվում, հատկապես նոյեմբերի իննի օրը, երբ ֆյուրերը, ռայխի պատմության մեջ առաջին անգամ հանձնարարեց նրան, հենց նրան՝ ՍՍ֊ի ռայխսֆյուրերին, իր փոխարեն տոնական ճառ ասել Մյունխենում։
Նա հիմա էլ էր հիշում՝ սրությամբ, փոքր֊ինչ սարսափով, այն դյութիչ զգացումը, երբ բարձրացավ ֆյուրերի տրիբունին, իսկ կողքը, բայց ներքևում, այնտեդ, ուր ֆյուրերի ժամանակ միշտ ինքն էր կանգնում, խմբվել էին Գեբբրելսը, Գյորինգը, Ռիբբենտրոպը, Լեյը։ Եվ նրանք ծափահարում էին իրեն, և իր նշանով էին առաջ պարզում ձեռքը կուսակցական ողջույնի համար, և կռահելով դադարները, օվացիա էին սկսում, որն անմիջապես անցնում էր ամբողջ դահլիճին։ Թո՛ղ որ ատում էին իրեն, այդ մեծ դերին անարժան համարում, թո՛ղ։ Բայց նացիոնալ-սոցիալիզմի էտիկան պարտավորեցնում էր նրանց այստեղ հավաքված երկու հազար հաուլայտերների աչքի առջև կուսակցության բարձրագույն հարգանքը նրան, հենց նրան՝ Հիմմլերին մատուցել։
Բորմանը․․․ Ախ, ինքն ինչպե՛ս է ատում Բորմանին։ Հենց Բորմանն էր, որ անհանգստացած Հիմմլերի նմանօրինակ թռիչքով, կարողացավ հաղթել նրան։ Բորմանը ճանաչում էր Հիտլերին, ինչպես ոչ ոք, գիտեր, որ եթե ֆյուրերը սիրում է մեկին ու հավատում նրան, ապա այդ մարդու մասին որևէ վատ բան ասել չի կարելի։ Դրա համար էլ Բորմանն ասաց ֆյուրերին,
— Բանակի վրա եղած մեր հույսերը բավական կասկածելի են։ Ազգի համար մեծ երջանկություն է, որ ՍՍ֊ի դիվիզիաներ ունենք՝ կուսակցության և նացիոնալ֊սոցիալիզմի հույսը։ Միայն ՍՍ-ի առաջնորդը, իմ բարեկամ Հիմմլերը կարող է իր վրա վերցնել Արևելյան ռազմաճակատի հրամանատարությունը։ Միայն նրա ղեկավարությամբ ՍՍ֊ը և նրան ենթարկվող բանակները կարող են շպրտել ռուսներին ու ջախջախել նրանց։
Հիմմլերը ֆյուրերի ռազմակայան թռավ-եկավ հաջորդ օրը։ Նա հետը մի հրամանագիր էր բերել այն մասին, որ Գերմանիայի բոլոր հաուլայտերներն այժմ պետք է զուգահեռ ենթարկության անցնեն նաև իրեն՝ ՍՍ֊ի ռայխսֆյուրերին։ Նա մահացու հարված էր պատրաստել Բորմանի համար։ Եվ անգամ մի քիչ զարմացավ այն թեթևությունից, որով ֆյուրերը հաստատեց այդ որոշումը։ Նա ամեն ինչ հասկացավ միայն մեկ րոպե անց, երբ ֆյուրերը ստորագրհց թուղթը։
— Ես շնորհավորում եմ ձեզ, Հիմմլեր։ Նշանակված եք «Վիսլա» բանակախմբի գլխավոր հրամանատար։ Ձեզնից բացի ոչ ոք չի կարող ջախջախել բոլշևիկյան հրոսակախմբերը։ Դուք և ձեզնից բացի ոչ ոք չի կարող չոքել Ստալինի կոկորդին և նրան թելադրել խաղաղության իմ պայմանները։
Դա կործանում էր։ 1945 թվականի հունվարն էր, հաղթանակի ոչ մի հույս չկար։ Գրողի ծոցը կորչեն այդ սանտիմենտալ պատրանքները։ Ելքը մեկն էր՝ անհապաղ հաշտություն Արևմուտքի հետ և համատեղ պայքար բոլշևիկյան հրոսակախմբերի դեմ։
Հիմմլերը շնորհակալություն հայտնեց ֆյուրերին, նման բարձր ու պատվավոր նշանակման համար և գնաց իր ռազմակայան։ Հետո նա եղավ Գյորինգի մոտ՝ խոսակցություն չստացվեց։
Եվ ահա ինքն արթնացել է ու չի կարողանում քնել, և լսում է սոճու անտառի լռությունը, և վախենում է զանգահարել դստերն, ում ինքը լքել է, որովհետև այդ մասին կարող է իմանալ Բորմանը, և վախենում է զանգահարել տղաներին և նրանց մորը, ում սիրում է, որովհետև վախենում է սկանդալից՝ ֆյուրերը չի ներում, ինչպես ինքն է ասում, «բարոյական անմաքրությունը»։ Նզովյալ սիֆիլիտիկ․․․ Բարոյական անմաքրությո՜ւն... Հիմմլերն ատելությամբ նայեց հեռախոսի ապարատին, մեքենան, որ ինքն ստեղծում էր տասնութ տարի շարունակ, այժմ աշխատում էր իր դեմ։
«Վե՛րջ,— ասաց ինքն իրեն,— վե՛րջ։ Եթե ինքս ինձ համար պայքար չսկսեմ հիմա, առանց սպասելու, կորած եմ»։
Գործակալական ամփոփագրերից Հիմմլերը կարող էր ենթադրել, որ Իտալիայում զորախմբերի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Կեսսելրինգը չի առարկի Արևմուտքի հետ տարվող բանակցությունների դեմ։ Այդ մասին գիտեին միայն Շելլենբերգն ու Հիմմլերը։ Այդ մասին հայտնած երկու գործակալները ոչնչացված էին՝ նրանց համար օդային աղետ էին սարքել, երբ սրանք վերադառնում էին Կեսսելրինգի մոտ։ Իտալիայից ուղիղ ճանապարհով Շվեյցարիան է։ Իսկ Շվեյցարիայում նստած է Եվրոպայում ամերիկյան հետախուզային ծառայության գլուխը՝ Ալեն Դալլեսը։ Դա արդեն լուրջ գործ է։ Դա լուրջ մարդկանց ուղղակի կոնտակտ է, առավել ևս, որ Կեսսելրինգի բարեկամը՝ Իտալիայում ՍՍ-ի առաջնորդ Կառլ Վոլֆը Հիմմլերին հավատարիմ մարդ է։
Հիմմլերը վերցրեց խոսափողն ու ասաց.
— Խնդրեմ, շտապ այստեղ կանչեք գեներալ Կառլ Վոլֆին։
Կառլ Վոլֆը նրա անձնական շտաբի պետն էր։ Ինքը հավատում է նրան։ Վոլֆը Արևմուտքի հետ բանակցություններ կսկսի իր՝ Հիմմլերի անունից։
Ուժերի տեղաբաշխում
Շտիրլիցը չէր էլ մտածում որևէ կոմբինացիա «սարքել» Շլագի հետ, երբ պաստորին բերեցին առաջին հարցաքննության, Շելլենբերգի հրամանն էր կատարում։ Նրա հետ երեք օր զրուցելով, հետաքրքրությամբ լցվեց այղ ծեր մարդու նկատմամբ, որն իրեն պահում էր զարմանալի արժանապատվությամբ ու մանկական միամտությամբ։
Զրուցելով պաստորի հետ, ծանոթանալով նրա վրա կազմված դոսյեին, Շտիրլիցն ավելի ու ավելի հաճախ էր մտածում, թե ապագայում պաստորն ինչպես կարող է օգտակար լինել իր գործին։
Համոզվելով, օր Շլագը ոչ միայն ատում է նացիզմը, ոչ միայն պատրաստ է օգնություն ցույց տալ գոյություն ունեցող ընդհատակին (իսկ այդ բանում նա ստույգ համոզվեց՝ լսելով նրա խոսակցությունը պրովոկատոր Կլաուսի հետ), Շտիրլիցն իր ապագա աշխատանքում դեր էր առանձնացնում նաև Շլագի համար։ Միայն թե իր համար դեռ չէր որոշել, թե ավելի նպատակահարմար ինչպես օգտագործել նրան։
Շտիրլիցը երբեք չէր գուշակում վաղօրոք, թե ինչպես կզարգանան դեպքերը՝ դրվագ առ դրվագ։ Հաճախ նա հիշում էր մի հատված։ Նա դա կարդացել էր գնացքում, երբ հատելով Եվրոպան, ուղևորվում էր Անկարա։ Հատվածը մեխվել էր հիշողության մեջ առհավետ։ Մի անգամ, գրում էին ճարտար գրականագետները, Պուշկինին հարցրել են, թե ինչ կլինի «սքանչելի Տատյանայի» հետ։ «Այդ մասին իրեն հարցրեք, ես չգիտեմ»,— գրգռված պատասխանել էր Պուշկինը։ Շտիրլիցը զրուցել էր մաթեմատիկոսների և ֆիզիկոսների հետ, հատկապես այն բանից հետո, երբ գեստապոն ձերբակալել էր ֆիզիկոս Ռունգեին, որն ատոմային պրոբլեմով էր զբաղվում։ Շտիրլիցը հետաքրքրվում էր՝ գիտության տեսաբաններն ի՛նչ չափով են վաղօրոք պլանավորում հայտնագործությունները։ «Դա անհնարին է, պատասխանում էին նրան։— Մենք լոկ որոշում ենք որոնման ուղղությունը, մնացած բոլորը փորձի ընթացքում է լինում»։
Հետախուզության մեջ ամեն ինչ ճիշտ նույնպես է։ Երբ օպերացիան ծրագրվում է խիստ ստույգ շրջանակներում, կարելի է ձախողում սպասել, վաղօրոք պայմանավորված թեկուզ և մեկ հանգույցի խախտումը կարող է իր հետ բերել գլխավորի խորտակումը։ Տեսնել հնարավորությունները, իրեն ուղղել այս կամ այն հանգուցային խնդրին, հատկապես, երբ ստիպված ես միայնակ աշխատել ահա այդպես, գտնում էր Շտիրլիցը, կարելի է հաջողության հասնել մեձ հավանականությամբ։
«Այսպիսով, Շլա՛գը,— ինքն իրեն ասաց Շտիրլիցը։— Զբաղվենք նրանով։ Այժմ Կլաուսի ոչնչացումից հետո, նա գործնականորեն առանց վերահսկողության իմ ենթակայության տակ է։ Շելլենբերգին զեկուցել եմ, որ էքս֊կանցլեր Բրյունինգի հետ պաստորի կապերը հաստատել չի հաջողվել, և նա, ելնելով ամեն ինչից, հետաքրքրությունը կորցրել է ծերունու նկատմամբ։ Դրա փոխարեն, Կենտրոնի հրամանից հետո, իմ հետտքրթրությունն է աճել»։
16.2 1945 (Ժամը 04֊ն անց 15 րոպե)
(ՍՍ֊ի (ՌՍԽԱ-ի 4-րդ բաժանմունք) օբերշտուրմբանֆյուրեր, 1939 թվականից ՆՍԴԱՊ անդամ Այսմանի կուսակցական բնութագրից. «Իսկական արիացի է: Բնավորությունը՝ նորդականին մոտեցող, հաստատակամ։ Աշխատանքային ընկերների հետ լավ հարաբերություններ է պահպանում։ Անթերի կատարում է պաշտոնեական պարտքը։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Մարզիկ է, մրցանակներ ունի հրաձիգների մրցույթներից: Ընտանիքի հիանալի հայր է։ Իրեն վարկաբեկող կապեր չի ունեցել։ Ունի ՍՍ-ի ռայխսֆյուրերի պարգևատրումներ...»)
Օբերշտուրմբանֆյուրեր Այսմանին Մյուլլերը կանչեց ուշ գիշերով։ Կալտենբրունների կոնյակից հետո քնել էր և իրեն հանգստացած էր զգում։
«Իրոք, այդ կոնյակը մի հատուկ տեսակի է,— մտածում էր նա, վիզը շփելով աջ ձեռքի բթամատով ու ցուցամատով։— Մերից մարդու գլուխը պայթում է, իսկ սա կարգին թեթևացնում է։ Ծոծրակս տրաքում է ճնշումից, ուրիշ ոչինչ, դա սովորական բան է...»։
Այսմանը Մյուլլերին նայեց կարմրած աչքերով և ժպտաց զինաթափ անող, մանկական իր ժպիտով։
— Իմ գանգն էլ է կտոր֊կտոր լինում,— ասաց նա,— երազում եմ յոթ ժամ քնել, երկնքից թափվող մանանայի պես։ Երբեք չէի կարծում, որ անքնությամբ տանջելն ամենասարսափելի տանջանքն է։
— Մեր ոուս գործակալներից մեկը՝ նախկինում շատ կատաղի մի բանդիտ, ինձ պատմել է, որ ճամբարներում նրանք ինչ֊որ մի հետաքրքիր խմիչք են պատրաստել թեյից՝ «չեֆիր»։ Դա և՛ հարբեցնում է, և՛ թարմացնում։ Մենք էլ չփորձե՞նք։— Մյուլլերն անսպասելիորեն ծիծաղեց։— Մեկ է այդ խմիչքը ստիպված կլինենք խմել նրանց ճամբարներում, ուրեմն նախօրոք տեխնոլոգիան յուրացնելու ժամանակը չէ՞։
Մյուլլերը հավատում էր Այսմանին, դրա համար էլ նրա հետ կատակում էր չար և ազնիվ, այդպես էլ խոսում էր։
— Ինձ լսեք,— շարունակեց նա,— այստեղ մի անհասկանալի շիլաշփոթ է տիրում։ Այսօր ինձ կանչեց շեֆը։ Նրանք բոլորն էլ ֆանտազյորներ են, մեր այդ շեֆերը... Նրանցը երևակայությանը զոռ տալն է, կոնկրետ գործ չունեն, իսկ ղեկավար ցուցումներ տալ կարող է նույնիսկ շիմպանզեն կրկեսում... Հասկանում եք, նա մի մեծ ատամ է հանել Շտիրլիցի վրա...
— Ում վրա՞։
— Այո՛, այո՛, Շտիրլիցի։ Շելլենբերգի հետախուզությունում միակ մարդը, ում նկատմամբ ես համակրանք ունեի։ Պնակալեզ չի, հանգիստ տղամարդ է, առանց հիստերիկայի և ցուցադրական ջանասիրության։ Ես այնքան էլ չեմ հավատում նրանց, ովքեր պտտվում են ղեկավարության չորս կողմն ու անհարկի ելույթ ունենում մեր միտինգներում, իսկ նա սուսուփուս է։ Ես սուսուփուս մ արդկանց սիրում եմ... եթե ընկերդ նման մեկն է, ուրեմն ընկեր է։ Դե, իսկ եթե թշնամի է, ուրեմն թշնամի է։ Այդպիսի թշնամիներին ես հարգում եմ։ Նրանցից սովորելու բան շատ կա...
— Շտիրլիցին ութ տարի ճանաչում եմ,— ասաց Այսմանը,— ես նրա հետ Սմոլենսկի մատույցներում եմ եղել և տեսել եմ նրան ռումբերի աակ՝ նա քարից ու պողպատից է սարքված։
Մյուլլերը կնճռոտվեց։
— Այդ ի՞նչ փոխաբերություններով սկսեցինք։ Հոգնածությունի՞ց է։ Փոխաբերությունները թողեք մեր կուսակցության մեծերին։ Մենք՝ լրտեսներս, պիտի մտածենք գոյականներով ու բայերով. «նա հանդիպեց», «նա ասաց» , «նա հայտնեց»... Ի՞նչ է, անհնար ենք համարում, որ...
— Այո՛,— պատասխանեց Այսմանը։— Ես չեմ կարող հավատալ Շտիրլիցի անազնվությանը։
— Ես նույնպես։
— Հավանաբար, պետք է նրբորեն համոզել դրանում Կալտենբրուններին։
— Ինչո՞ւ,— դադարից հետո հարցրեց Մյուլլերը։— Իսկ եթե նա ուզում է, որ Շտիրլիցն անազնիվ լինի՞։ Ինչո՞ւ հակառակը համոզել նրան։ Վերջիվերջո, չէ օր Շտիրլիցը մերոնցից չէ, նա վեցերորդ վարչությունից է։ Թոզ Շելլենբերգը պար գա...
— Շելլենբերգը ապացույցներ կպահանջի։ Եվ դուք գիտեք, որ այդտեղ նրան կպաշտպանի ռայխսֆյուրերը։
— Կարծո՞ւմ եք,
— Համոզված եմ։
— Ինչո՞ւ,
— Դժվար կարողանամ ապացուցել։ Ես համոզված եմ, օբերգրուպպենֆյուրեր։
Մյուլլերը կրկին սկսեց ծոծրակը շփել աջ ձեռքի բթամատով ու ցուցամատով։
— Իսկ ի՞նչ անենք։
Այսմանը թոթվեց ուսերը։
— Անձամբ ես գտնում եմ, որ հարկ է մինչև վերջ ազնիվ լինել ինքդ քո առաջ՝ դա էլ կորոշի հետագա բոլոր գործողություններն ու արարքները։
— Գործողություններն հւ արարքները միևնույն բանն են,— ասաց Մյուլլերը։— Ինչպե՜ս եմ նախանձում նրանց, ովքեր միայն հրամաններ են կատարում, և վերջ։ Ինչպե՜ս կուզենայի միայն հրամաններ կատարել։ «Ազնիվ լինել»։ Կարծես թե բան ու գործս թողած, մտածում եմ, թե ինչ անեմ, որ անազնիվ լինեմ։ Խնդրեմ, ձեզ լիակատար հնարավորություն եմ տալիս ազնիվ լինել՝ վերցրեք այս նյութերը,— Մյուլլերը Այսմանի կողմը մղեց մեքենագիր տեքստով մի քանի թղթապանակ,— և եզրակացության եկեք։ Մինչև վերջ ազնիվ։ Ես կհենվեմ դրա վրա, երբ կզեկուցեմ շեֆին՝ ստուգման արդյունքների մասին։
— Օբերգրուպպենֆյոլրեր, ինչո՞ւ հենց ե՛ս պիտի դա անեմ,— հարցրեց Այսմանը։
Մյուլլերը ծիծաղեց.
— Իսկ ո՞ւր է ձեր ազնվությունր, բարեկամս։ Ո՞ւր է։ Միշտ ավելի հեշտ է ուրիշներին խորհուրդ տալ՝ «ազնի՛վ եղիր»։ Իսկ յուրաքանչյուրն առանձին-առանձին մտածում է, թե իր անազնվությունն ինչպես շուռ տա ազնվության... Ինչպես արդարացնի իրեն ու իր գործողությունները։ Մի՞թե ես ճշմարիտ չեմ։
— Ես պատրաստ եմ զեկուցագիր գրել։
— Որ ի՞նչ։
— Զեկուցագրում կգրեմ, որ Շտիրլիցին ճանաչում եմ երկար տարիներ և նրա համար ցանկացած երաշխավորությություն կարող եմ տալ։
Մյուլլերը լռեց, շուռումուռ եկավ բազկաթոռի մեջ, իսկ հետո Այսմանին մի թերթ թուղթ մեկնեց,
— Գրեցեք,— ասաց նա,— Գրեցեք։
Այսմանը հանեց գրիչը, երկար մտածեց առաջին դարձվածքի վրա, ապա գրեց իր գեղագրական ձեռագրով․ «ՍՍ֊ի օբերգրուպպենֆյուրեր, 4֊րդ վարչության պետ Մյուլլերին։ ՍՍ֊ի շտանդարտենֆյուրեր ֆոն Շտիրլիցին համարելով ֆյուրերի և ՆՍԴԱՊ֊ի գաղափարներին նվիրված իսկական արիացի, խնդրում եմ թույլ տալ ինձ չզբաղվել նրա գործի ստուգմամբ։ ՍՍ֊ի օբերշտուրմբանֆյուրեր Այսման»։
Մյուլլերը չորացրեց թուղթը, երկու անգամ կարդաց ու ցածրաձայն ասաց.
— Է՛, ի՞նչ արած... Ապրեք, Ձեր նկատմամբ միշտ հարգանք եմ տածել և մեծ վստահություն, Այսման, հիմա մեկ անգամ ևս հնարավորություն ունեցա համոզվել ձեր բարձր օրինավորության մեջ։
— Շնորհակալություն։
— Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Ե՛ս եմ ձեզ շնորհակալ։ Լա՛վ, Վերցրեք այս երեք թղթապանակը, ըստ դրանց բարենպաստ կարծիք գրեք Շտիրլիցի աշխատանքի մասին, ե՛ս չէ որ ձեզ պիտի սովորեցնեմ ինչպես՝ հետախույզի արվեստ, քննիչի նրբազգացություն, իսկական նացիոնալսոցիալիստի արիություն։ Դրա համար որքա՞ն ժամանակ է ձեզ պետք։
Այսմանը թերթեց գործերն ու պատասխանեց.
― Որպեսզի ամեն ինչ գեղեցիկ ձևավորվի և փաստացիորեն հաստատվի, կխնդրեի մեկ շաբաթ տալ ինձ։
— Հինգ օր, այն էլ հազիվհազ։
— Լավ։
— Եվ աշխատեք հատկապես գեղեցիկ ցուցադրել Շտիրլիցին այդ պաստորի հետ տարված գործում։— Մյուլլերը մատնացույց արեց թղթապանակներից մեկը։— Կալտենբրունները գտնում է, որ հիմա որոշ մարդիկ վանականների միջոցով աշխատում են կապեր հաստատել Արևմուտքի հետ։ Վատիկան և նման բաներ...
— Լավ։
— Դե, հաջողություն ձեզ։ Ձեզ գցեք տուն ու մի լավ քնեք։
Երբ Այսմանը գնաց, Մյուլլերը նրա նամակը դրեց մի առանձին թղթապանակ և երկար ժամանակ նստած էր, մտքերի մեջ ընկած։ Իսկ հետո նա կանչեց իր մյուս աշխատակցին՝ օբերշտուրմբանֆյուրեր Խոլտոֆֆին։
— Ինձ լսեք,— ասաց նա, անգամ նստել չառաջարկելով նրան՝ Խոլտոֆֆը երիտասարդ էր։— Ես ձեզ խիստ գաղտնի և կարևոր հանձնարարություն եմ տալիս։
— Լսում եմ, օբերգրուպպենֆյուրեր...
«Սա քարեր շուռ կտա,— մտածում էր Մյուլլերը։— Սրան դեռ դուր են գալիս մեր խաղերը, դրանից դեռևս նա երանություն է զգում։ Սատանան գիտե, թե ինչեր կսարքի... Եվ լավ է... Շելլենբերգի հետ առևտուր անելու բան կլինի»։
— Ահա թե ինչ,— շարունակեց Մյուլէերը։— Դուք պետք է ուսումնասիրեք այս գործերը, շտանդարտենֆյուրեր Շտիրլիցի վերջին տարվա աշխատանքն է դա։ Սա «հատուցման» զենքին... այսինքն՝ ատոմային ռումբին վերաբերող գործն է... ֆիզիկոս Ռունգեի գործը... Ընդհանրապես, նեխած գործ է, բայց աշխատեք փորփրել... ինձ մոտ եկեք, ցանկացած հարց առաջանալու դեպքում։
Երբ փոքր֊ինչ շշկլված, բայց և դա թաքցնել ջանացող Խոլտոֆֆը թողնում էր գեստապոյի շեֆի առանձնասենյակը, Մյուլլերը կանգնեցրեց նրան ու ավելացրեց.
— Հանեք նաև նրա մի քանի վաղ գործերը, ռազմաճակատում, և տեսեք, թե Շտիրլիցի ու Այսմանի ճանապարհները չե՞ն հատվել։
Տեղեկություն խորհրդածության համար
(Դալլես)
Ե՛վ գեստապոն, և՛ Աբվերը, և՛ Վիշիի հակահետախուզությունը գիտեին, որ 1942 թվականի ամռան խռովահույզ օրերին Ֆրանսիայով պետք է անցնի ինչ-որ մի ամերիկացի։ Գեստապոն և ադմիրալ Կանարիսի գերատեսչությունը սկսեցին այդ մարդուն որսալու գործը։
Կայարաններում և օդանավակայանների ապակեպատ շենքերում հերթապահում էին գաղտնի գործակալներ, աչքերը հառած ինչ֊որ մի բանով ամերիկացու նմանվող յուրաքանչյուր մարդու։
Նրանք չկարողացան բռնել այդ մարդուն։ Նա կարողանում էր անհետանալ ռեստորաններում և անսպասելիորեն հայտնվել ինքնաթիռների մեջ։ Խելացի, հաշվենկատ, հանգիստ ու քաջ այդ մարդը խաղացրեց անվտանգության գերմանական ծառայությանը, Վիշիի հակահետախուզությանը և 1942 թվականի վերջերին հրաշքով անցավ չեզոք Շվեյցարիա։
Այդ մարդը բարձրահասակ էր։ Մշտապես բերանում պահում էր անգլիական ուղիղ ծխամորճ, սակավախոս էր, հաճախ ժպտում էր ու զրուցակիցներին հմայում ուշադիր լսելու իր բարյացակամ եղանակով, սուր կատակներով, և եթե իրավացի չէր լինում, իր սխալն իսկույն և բացեիբաց ընդունելով։
Եթե Հիմմլերի, Կանարիսի և Պետենի ծառայություններն իմանային, թե ով էր նա, հավանորեն տասնապատիկ ավելի ջանք կգործադրեին, նրան իրենց ձեռքը գցելու համար։ Այդ մարդը Ալեն Դալլեսն էր, Եվրոպայում Ստրատեգիական ծառայության վարչության[15] գլխավոր ռեզիդենտը։
Շվեյցարիայում նրա մասին շուտով սկսեցին խոսել, որպես պրեզիդենտ Ռոuզվելտի անձնական ներկայացուցչի
Դալլեսը մամուլում հերքում տպագրեց։ Տարօրինակ հերքում էր։ Նա հասկացավ, որ դա կրկնակի ռեկլամ է. և՛ շշուկները, և՛ հերքումը հօգուտ իրեն են։ Նա չսխալվեց. Բեռնում գտնվելու առաջին իսկ ամիսներից բոլոր կողմերից դեպի նա ձգվեցին զանազան մարդիկ, որոնցից աշխարհի հետախուզությունը սովորաբար իր գործակալությունն է հավաքագրում։
նախքան լայնորեն աշխատանք ծավալելը, Դալլեսն ամենամանրակրկիտ կերպով ուսումնասիրեց իր աշխատակիցների վրա կազմված նյութերը։
— Այստեղ, կապույտ թղթապանակում,— բացատրում էր նրան ՀՖԲ-ի[16] աշխատակիցը,— բոլոր նրանք են, ովքեր բարեկամներ և մոտ ընկերներ ունեն առանցքի երկրներում կամ չեզոք պետություններում։ Այս թղթապանակում Գերմանիայում և Եվրոպայում ծնված անձինք են, ինչպես և նրանք, ում ծնողները գերմանացիներ են։ Այստեղ նրանց ազգանուններն են, ում հետ նամակագրություն ունեն ձեր աշխատակիցները․․․ Իսկ ահա այստեղ...
Դալլեսը երկմտած հարցով ընդհատեց նրան.
— Այս ամենն ի՞նչ կապ ունի գործի հետ։
— Ներեցեք...
— Ինձ հետաքրքրում է հետևյալը, ինձ հետ աշխատակցող մարդկանցից որևէ մեկը «Գերմանա-ամերիկյան» ինստիտուտի ակտիվիստ եղե՞լ է, թե՝ ոչ։ Կոմունիստական կուսակցության անդամ եղե՞լ է։ Ընտանի՞քն ինչպես է։ Ամուսնությունը հաստատո՞ւն է, թե՝ կինը հիստերիկ է, իսկ ամուսինը դրանից հարբեցողության է դիմել ու պատրաստ է գրողի ծոցն ուղարկել կռվի բուն ընտանեկան օջախը։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայում կամ Իտալիայում եղած բարեկամներին, ապա իմ հեռավոր հարազատներից մեկը դեռևս անցյալ դարում հաստատվել է Գերմանիայում։
Երբ Հիմմլերի գերատեսչությունը կարողացավ Դալլեսի տուն մտցնել իր գործակալին (Ալեն Դալլեսի մոտ աշխատող սիրունիկ, ճշտակատար աղախինը կայսերական անվտանգության ծառայության վեցերորդ վարչության աշխատակից էր), Շհլլենբերգն ու Հիմմլերն այդ գործակալից կարևոր ու հետաքրքիր շատ բան իմացան։
Օրինակ, այդ գործակալը հայտնեց, որ Ալեն Դալլեսի սեղանի և ըստ երևույթին ամենասիրած գիրքը չինացի Սուն Ցզիի «Պատերազմի արվեստն» է։ Այդ գրքում չինական տեսաբանը շարադրում էր լրտեսության հիմունքները, որոնք օգտագործվել են Չինաստանում դեռևս մեր թվարկությունից առաջ։
Գեստապոյի գործակալը կարողացավ լուսանկարել աստվածաշունչը, որի լուսանցքներին ամերիկյան հետախույզը հսկայական քանակությամբ նշումներ էր կատարել։ Մասնավորապես, իր համար նա նշել էր այն տեղը, երբ Նավեի որդին՝ Յեսուն երկու մարդ ուղարկեց Երիքով, որպեսզի սրանք գաղտնի կերպով ամեն ինչ իմանային։ «Եվ եկան նրանք Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տուն»։ Դա, ինչպես թվում էր Դալլեսին և ինչպես այդ մասին նա ասում էր ընկերներին, առաջին վկայությունն էր հենց նրա, ինչ այժմ պրոֆեսիոնալ հետախույզների մոտ կոչվում է «թաքուն հանդիպատեղ»։ Ռախաբը լրտեսներին թաքցրեց իր տանը, իսկ հետո դուրս տարավ նրանց քաղաքից, և Իսրայելի ժողովուրդը գրավելով Երիքովը, սրի քաշեց բոլորին, կենդանի թողնելով միայն Ռախաբին և նրա ընտանիքը։ Հենց այդ ժամանակից էլ ավանդույթ էր դարձել պարգևատրել նրանց, ով օգնում է հետախուզությանը։
Ալեն Դալլեսի սիրած գրքերից մեկն էլ Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» էր։ Շատ հաճախակի նա անդրադառնում էր նաև «Մոլլ Ֆլենդերսին» և «Հուշեր ժանտախտի տարու մասին» գրքերին։ Դրանք գրել էր ամենահոյակապ հետախույզներից մեկը։ Դանիել Դհֆոն ոչ միայն հետախուզական խոշոր ցանցի ինքնուրույն կազմակերպիչն էր, նա անգլիական հետախուզության անդրանիկ պետն էր, որի մասին աշխարհն իմացավ գրողի մահվանից շատ տարիներ անց։
Կրտսեր-Դալլեսի կենսագրությունն այնքան էլ ակնառու չէր։ Արվեստների մագիստրոս, նա անցավ դիվանագետի, հետախույզի, քաղաքագետի, փաստաբանի ճանապարհ։ Նա գեներալ Հոֆմանի մտերիմն էր, որը դեռևս 1919 թվականին առաջինն առաջ քաշեց «Հարձակում կարմիր Արևելքի վրա» տեսությունը։ Դալլեսը կառավարություններ էր տապալում Մերձավոր Արևելքում և իշխանության գլուխ կանգնեցնում դիկտատուրաներ Հարավային Ամերիկայոլմ, բայց դա անում էր ոչ թե Միացյալ Նահանգների շահերից ելնելով, նա ծառայում էր նավթի արքաներին՝ Ռոկֆելլերին և Մելլոնին։ Երեսնական թվականներին Ջոն և Ալեն Դալլեսները սերտ կապեր հաստատեցին Տիսսենի գերմանական կոնցեռնների, «Ի. Գ, Ֆարրենինդուստրիի», «Ռոբերտ Բոշ» կոնցեռնի հետ։ Ալեն Դալլեսը դարձավ գերմանական այդ կոնցեռնների ներկայացուցիչն Ամերիկայոլմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Դալլեսը դարձավ «Շրեդեր տրեստ կոմպանիի» դիրեկտորը։ Կուրտ ֆոն Շրեդերը ՍՍ-ի գրուպպենֆյուրեր էր, ֆյուրերին անձամբ ներկայացված Հիմմլերի կողմից։ Ալեն Դալլեսը անդունդի եզրին էր, երբ պատերազմ սկսվեց նացիստների դեմ։ Նրան փրկեցին տերերը՝ Ռոկֆելլերները և Մելլոնները։ «Մեզ պետք է մի մարդ, որը Գերմանիան մեզնից ավելի լավ իմանա: Վերջիվերջո, նա Ամերիկայի քաղաքացի է, իսկ նախկին սխալներից ոչ ոք երաշխավորված չի եղել»։ Հենց Դալլեսին էլ հանձնարարվեցին ԱՄՆ շահերը պաշտպանել Եվրոպայում։
17.2.1945 (Ժամը 10-ն անց 03 րոպե)
Երբ ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր Վոլֆը ելավ Հիմմլերի առանձնասենյակից, ռայխսֆյուրերը երկար ժամանակ անշարժ նստած մնաց։ Այժմ նրան վախ չէր պաշարել, ո՛չ, համենայն դեպս, նրան այդպես թվաց։ Պարզապես կյանքում առաջին անգամ նա ուխտադրուժ դարձավ։ Նա ճանաչում էր ուխտադրուժներին, նույնիսկ չէր խանգարում նրանց, հետևելով, թե ով հաղթող դուրս կգա 44-ի հուլիսին, բայց հիմա ինքն էր պետական դավաճանության ակտ կատարել, թշնամու հետ բանակցությունների համար մի՛ պատիժ էր նախատեսված՝ մահ։
Կառլ Վոլֆն Իտալիա վերադարձավ, որպեսզի ուղղակի կապի մեջ մտնի Դալլեսի հետ՝ ՍՍ֊ի բարձրագույն աստիճանի սպան դաշնակիցների բարձրագույն աստիճանի հետախույզի հեա։
Հիմմլերն իր սովորական եղանակով հանեց ակնոցը (այսօր անշրջանակ ակնոց էր դրել, իսկ նման ակնոց կրում են դպրոցի ուսուցիչները) և սկսեց դանդաղ շփել ապակիները թավշակաշվի կտորով, նա զգաց, որ իր մեջ ինչ-որ բան փոխվեց։ Անմիջապես չհասկացավ, թե ինչ փոխվեց, բայց հետո ժպտաց։ «Ես սկսեցի շարժվել,— հասկացավ նա,— ամենասարսափելին տանջալի շղթայվածությունն է, նման գիշերային մղձավանջի»։
Նա իր մոտ կանչեց Շելլենբեբգին։ Քաղաքական հետախուզության պետը Հիմմլերի մոտ եկավ մեկ րոպե անց, կարծես ընդունարանում նստած լիներ և ոչ թե իր մոտ՝ երրորդ հարկում։
— Վոլֆը թռչում է Դալլեսի հետ կապ հաստատելու,— ասաց Հիմմլերն ու կոտրատեց մատները։
— Իմաստուն բան է։
— Խելագարությո՜ւն է, Շելլենբերգ, խելագարություն է և ավանտյուրիզմ։
— Դուք նկատի ունեք հնարավոր ձախողո՞ւմը։
— Ես նկատի ունեմ պրոբլեմների մի ամբողջ կոմպլեքս։ Դո՛ւք եք, այս ամենը ձե՛ր արածն է։ Դո՛ւք ինձ հասցրեցիք այս քայլին։
— Եթե Վոլֆը ձախողվի, ապա բոլոր նյութերը մեզ մոտ կգան։
— Սկզբում նրանք կարող են վիեննացու ձեռքն ընկնել․․․
Շելլենբերգը հարցական նայեց Հիմմլերին։ Վերջինս խոժոռված պարզաբանեց.
— Կալտենբրունների։ Եվ ես չգիտեմ, հետո այդ նյութերն ուր կգնան՝ Բորմանի՞, թե՝ իմ մոտ։ Իսկ դուք գիտեք, թե ինչ կանի Բորմանը, հենց որ նմանօրինակ նյութ ստանա։ Եվ դուք կարող եք պատկերացնել, թե ինչպես կվերաբերվի ֆյուրերը, երբ ամեն ինչ տեսնի, դեռ դրան ավելացրած Բորմանի բացատրությունները։
— Այդ հնարավորությունը նույնպես վերլուծել եմ։
Հիմմլերը բարկացած կնճռոտեց դեմքը։ Հիմա նա մի բան էր ցանկանում՝ ետ դարհևել Վոլֆին և իսպառ մոռանալ նրա հետ ունեցած խոսակցությունը։
— Ես վերլուծձլ եմ այդ հնարավորությունը,— կրկնեց Շելլենբերգը։— Նախ, Վոլֆը պարտավոր է Դալլեսի հետ խոսել ոչ իր, ոչ առավել ևս ձեր անունից, այլ ֆելդմարշալ Կեսսելրինգի անունից, ում նա ենթարկվում է Իտալիայում։ Նա հրամանատարի տեղակալ է Իտալիայում, նա ձեր անմիջական ենթակայությունից դուրս է...
Ֆելդմարշալ Կեսսելրինգը ժամանակին Գյորինգի օգնականն էր «Լյուֆտվաֆֆեի» գծով։ Բոլորը նրան Գյորինգի մարդն էին համարում։
— Դա լավ է,— ասաց Հիմմլերը։— Դուք դա նախօրո՞ք էիք մտածել, թե նոր անցավ ձեր մտքով։
— Դա իմ մտքով անցավ, հենց որ իմացա Վոլֆի ուղևորության մասին,— պատասխանեց Շելլենբերգը։— Թույլ կտա՞ք ծխել։
— Այո, խնդրեմ,— պատասխանեց Հիմմլերը։
Շելլենրերգը ծխախոտ վառեց։ Երեսունվեց թվականից նա միայն «Քեմել» էր ծխում և ուրիշ ոչ մի սիգարեթ չէր ընդունում։ Մի անգամ, քառասուներկուսին, այն բանից հետո, երբ Ամերիկան պատերազմի մեջ մտավ, նրան հարցրեցին․ «Ձեզ որտեղի՞ց թշնամական սիգարեթներ», Շելլենբերգը պատասխանեց․ «Իրոք, ամերիկյան սիգարեթներ թե գնես, կասեն՝ դավաճանել ես հայրենիքիդ...»։
— Ես բոլոր հնարավորությունների շուրջ մտածել եմ,— շարունակեց նա,— նույնիսկ ամենատհաճների շուրջ։
— Այսի՞նքն,— զգուշացավ Հիմմլերը։ Նա հանգստացել էր, խելքը գլուխը եկել, խելացի հեռանկար էր երևացել, էլ ի՞նչ տհաճ բան կարող էր լինել, եթե ամեն ինչ այդպես հարմար դասավորվում էր։
— Իսկ ի՞նչ կլինի, եթե Կեսսելրինգը, և ավելի վատ՝ նրա հովանավոր Գյորինգը տվյալ դեպքում կարողանան, իրենց ալիբին ապացուցել։
— Մենք դա թույլ չենք տա։ Նախօրոք հոգ տարեք այդ մասին։
— Մենք՝ այո, բայց Կալտենբբուններն ու Մյուլլե՞րը։
— Լավ, լավ,— հոգնած ասաց Հիմմլերը,— իսկ ի՞նչ եք առաջարկում դուք։
— Ես առաջարկում եմ մի զարկով երկու նապաստակ խփել։
— Այդպես չի լինում,— պատասխանեց Հիմմլերն առավել հոգնած ու խամրած ձայնով,— չնայած, ես որսորդ չեմ...
— Ֆյուրերն ասում է, որ դաշնակիցները գտնվում են գժտության եզրին, այդպես չէ՞։ Հետևաբար, նրանց այդ գժտեցումը մեր գլխավոր խնդիրներից մեկն է։ Ի՞նչ կանի Ստալինը, եթե իմանա սեպարատ բանակցությունների մասին, որ ՍՍ-ի գեներալ Վոլֆը վարում է արևմտյան դաշնակիցների հետ։ Ես չեմ փորձում դատել, թե նա ինչպե՞ս կվարվի, բայց այն, որ դա նրան գործողությունների կմղի, ոչ մի րոպե չեմ կասկածում, հեաևաբար, Վոլֆի ուղևորությունը, որը մենք կգաղտնագրենք որպես Ստալինի մեծ ապակողմնորոշում, կդառնա հօգուտ ֆյուրերի։ Մեր լեգենդը հետևյալն է՝ բլյոֆ Ստալինի համար։ Ձախողման դեպքում ֆյուրերին այդպես կբացատրենք օպերացիան։
Հիմմլերը վեր ելավ աթոոից, նա բազկաթոռներ չէր սիրում ու միշտ նստում էր գրասենյակային հին աթոռի վրա, մոտեցավ պատուհանին և երկար դիտում էր Բեռլինի ավերակները։ Դպրոցից տուն էին դառնում երեխաները և ուրախ ծիծաղում։ Երկու կին ձեռնասայլակներով տանում էին իրենց երեխաներին։ Հիմմլերը հանկարծ մտածեց․ «Ուրախությամբ կգնայի անտառ ու կգիշերեի խարույկի մոտ։ Վալտերն ի՜նչ խելացի է, աստված իմ․․․»։
— Ես կմտածեմ ձեր ասածների շուրջ,— առանց շրջվելու ասաց Հիմմլերը։ Նա ուզում էր իրեն վերցնել Շելլենբերգի հաղթանակը։ Վերջինս ուրախությամբ ռայխսֆյուրերին կտար այն. նա միշտ Հիմմլերին ու Հեյդրիխին էր տալիս իր հաղթանակները։
— Մանրամասները ձեզ կհետաքրքրե՞ն, թե մանրուքներն ինքս մտածեմ,— հարցրեց Շելլենբերգը։
— Ինքներդ մտածեք,— պատասխանեց Հիմմլերը, բայց երբ Շելլենբերգը մոտեցավ դռանը, նա շրջվեց ու հարցրեց.— թեև այս գործում մանրուքներ չպետք է լինեն։ Ի՞նչ նկատի ունեք։
— Նախ, քողարկման օպերացիան... Այսինքն, պետք է որևիցե օտար, ոչ մեր դեմքը դնել Արևմուտքի հետ բանակցությունների համար... Իսկ հետո այդ մարդու մասին եղած նյութերը կհանձնենք ֆյուրերին։ Հարկ եղած դեպքում... Դա կլինի հետախուզության մեր ծառայության հաղթանակը՝ ձախողեցինք թշնամու ստոր մտադրությունները, իմ կարծիքով, այսպես է հաղորդում Գեբրելսը։ Երկրորդ, Շվեյցարիայում հազարավոր աչքեր են հետևելու Վոլֆին։ Ես ուզում եմ, որպեսզի արևմտյան դաշնակիցների հազարավոր աչքերի հետ նրան հետևեն իմ մարդկանցից մի հինգ֊վեց հոգի։ Վոլֆը չի իմանա մեր մարդկանց մասին։ Նրանք ինֆորմացիա կուղարկեն անմիջապես ինձ։ Ի լրումն ամենի, սա երրորդ ալիբին է։ Ձախողման դեպքում ստիպված կլինենք զոհել Վոլֆին, բայց նրան հետևելու մասին նյութերը տեղ կգտնեն մեր դոսյեներում։
— Ձե՛ր,— ուղղեց նրան Հիմմլերը,— ձեր դոսյեում։
«Ես կրկին վախեցրի նրան,— մտածեց Շելլենբերգը,— այս մանրամասները նրան վախեցնում են։ Նրանից պետք է միայն համաձայնություն վերցնել, իսկ հետո ամեն բան անձամբ անել»։
— Ո՞ւմ եք ուզում այնտեղ ուղարկել։
— Լավ թեկնածուներ ունեմ,— պատասխանեց Շելլենբերգը,— բայց դա արդեն մանրուք է, որն ինքս կարող եմ վճռել, ձեզ չկտրելով առավել կարևոր գործերից։
Առաջին խնդրի լուծման համար Շելլենբերգի թեկնածուների ցուցակում կար ֆոն Շտիրլիցը իր «խնամարկյալ» պաստորի հետ։
17.2.1945 (Ժամը 10-ն անց 05 րոպե)
Առավոտյան, երբ Էրվինը պետք է պատասխան ընդուներ Կենտրոնից, Շտիրլիցը մեքենայով դանդաղ գնում էր նրա տան կողմը։ Ետևի նստատեղին դրված էր մի հսկայական նվագարկիչ, ըստ լեգենդի, Էրվինը նվագարկիչների փոքրիկ ֆիրմայի տնօրեն էր, դա նրան հնարավորություն էր տալիս հաճախակի երթևեկել երկրով մեկ, սպասարկելով հաճախորդներին։
Փողոցը խցանված էր, առջևում մաքրում էին փողոցը․ փլուզումից հետո, գիշերային ռմբակոծության ժամանակ փլվել էր վեցհարկանի շենքի պատը, և ճանապարհային ջոկատների բանվորները ոստիկանների հետ մեկտեղ արագ ու միահամուռ կազմակերպում էին փոխադրականի անցուդարձը։
Շտիրլիցը ետ նայեց՝ իր «Խորխի» ետևից երեսունից ոչ պակաս մեքենաներ կլինեին շարված։ Բեռնատարի վարորդը՝ մի պատանյակ, բղավեց Շտիրլիցին։
— Եթե հիմա գան, այ թե շիլափլավ կլինի հա՜, թաքնվելու տեղ էլ չկա։
— Չեն գա,— պատասխանեց Շտիրլիցը, երկնքին նայելով։ Ամպերը ցածր էին, դատելով գորշ֊սև եզրերից՝ ձնաբեր։
«Գիշերը տաք էր,— մտածեց Շտիրլից։— Իսկ հիմա ցրտել է, հաստատ ձյուն է գալու»։
Չգիտես ինչու հիշեց երեկվա աստղագետին՝ «... Անհանգիստ արեգակնային տարի է։ Գնդի վրա ամեն ինչ փոխադարձ կապի մեջ է։ Մենք բոլորս փոխադարձաբար կապակցված ենք լուսատուի հետ, լուսատուն գալակտիկայի հետ,— Շտիրլիցը մեկեն քմծիծաղեց.— նման գեստապոյի գործակալական ցանցին...»
Առջևում կանգնած շուցմանը կտրուկ թափ տվեց ձեռքը և բղավեց կոկորդային ձայնով.
— Անցե՛ք։
«Աշխարհի ոչ մի երկրում,— ինքն իրեն հաստատեք Շտիրլիցը,— ոստիկաններն այնպես չեն սիրում հրամայել և ձեռքի մահակով այնպիսի ղեկավարող շարժումներ անել, ինչպես մեզ մոտ»։ Նա, հանկարծ իրեն բռնեց այն բանում, որ գերմանացիների ու Գերմանիայի մասին մտածեց այնպես, ինչպես իր ժողովրդի ու իր երկրի մասին։ «Իսկ այլ կերպ չի կարելի։ Եթե սահմանազատեի ինձ, ապա վաղուց ի վեր անպայման կորած կլինեի։ Հավանորեն պարադոքս է՝ ես սիրում եմ այս ժողովրդին, սիրում եմ այս երկիրը։ Իսկ գուցե, իրոք, հիտլերները գալիս են և գնում»։
Ճանապարհն այլևս բաց էր և Շտիրլիցը լրիվ գազ տվեց։ Նա գիտեր, որ կտրուկ շրջադարձերը շատ վատ «ուտում» են դողերը, նա գիտեր, որ այժմ դողերը դեֆիցիտ են, բայց և այնպես սիրում էր կտրուկ շրջադարձերը, այնպես, որ ռեզինը ճվճվա ու երգի, իսկ մեքենան այդ ժամանակ թեքվում էր, ինչպես նավակը փոթորկի ժամանակ։
Կեպենիկում, Էրվինի և Քեթի տան մոտ եղած շրջադարձի վրա, ոստիկանական երկրորդ շղթան էր կանգնած։
— Ի՞նչ է եղել այնտեղ,— հարցրեց Շտիրլիցը։
— Փողոցն ավերված է,— պատասխանեց ջահել ու գունատ շուցմանը,— նրանք ինչ-որ մի հզոր ական են ձգել։
Շտիրլիցն զգաց, թե ինչպես քրտնեց ճակաաը։
«Ճիշտ է,— հանկարծ հասկացավ նա,— նրանց տունը՝ նույնպես»։
— Թիվ իննը տունը նույնպե՞ս,— հարցրեց նա։
— Այո՛, լրիվ փշրել են։
Շտիրլիցը մեքենան քաշեց մայթի մոտ և նրբանցքով աջ գնաց․ նրա ճանապարհը կտրեց հիվանդի տեսքով միևնույն շտուցմանը։
— Արգելված է։
Շտիրլիցը շրջեց պիջակի դարձածալը՝ ՍԴ֊ի ժետոնը վրան։ Շուցմանը պատվի առավ ու ասաց․
— Սակրավորները վախենում են, թե արդյոք դանդաղ գործող ռումբ չլինի։
— Ուրեմն, միասին հօդս կցնդենք,— պատասխանեց Շտիրլիցը և գնաց թիվ իննը տան ավերակների կողմը։
Նա վիթխարի, անմարդկային հոգնություն էր զգում, բայց գիտեր, որ պարտավոր է քայլել իր սովորական, զսպանակաձև քայլքով և այդպես էլ գնում էր՝ զսպանակաձև, դեմքին էլ իր պարտպդիր, սկեպտիկ քմծիծաղն էր։ Իսկ աչքերի առջև Քեթն էր։ Փորը շատ էր մեծ, կլոր։ «Աղջիկ կլինի,— իրեն մի անգամ ասաց նա։— Երբ փորը ցցվում է վարունգի պես, տղա է լինում, իսկ ես անպայման աղջիկ կծնեմ»։
— Բոլորը զոհվե՞լ են,— հարցրեց Շտիրլիցը ոստիկանին, որն առաջվա պես հետևում էր հրշեջների աշխատանքին։
— Դժվար է ասել։ Ռումբն առավոտվա դեմ է ընկել, սանիտարական մեքենաներ շատ կային...
— Շա՞տ իրեր են մնացել։
— Այնքան էլ չէ... Տեսնում եք, ինչ շիլաշփոթ է...
Լաց լինող երեխայով մի կնոջ Շտիրլիցն օգնեց մայթից տեղափոխել ձեռնասայլակն ու վերադարձավ մեքենայի մոտ։
17.2.1945 (Ժամը 10-ն անց 05 րոպե)
— Մամոչկա՜,— բղավում էր Քեթը։— Աստվա՜ծ իմ։ Մամա-ա-ա-ա՜։ Օգնեքb՜ք, ով կա՜։
Նա պառկած էր սեղանին։ Նրան ծննդատուն էին բերել կոնտուզիա ստացած, երկու տեղից գլուխը ջարդված էր։ Նա անկապ֊անկապ բառեր էր բղավում՝ աղիողորմ, ռուսերեն, ռյազանյան բառեր։
Ձայնեղ, խռպոտ ձայնով, խոշոր տղային ընդունող բժիշկն ասաց մանկաբարձուհուն.
— Լեհուհի է, բայց ի՜նչ հսկա է ծնել...
— Նա լեհուհի չէ,— ասաց մանկաբարձուհին։
— Իսկ ո՞վ է։ Ռո՞ւս։ Թե՝ չեխ։
— Անձնագրով գերմանուհի է,— պատասխանեց մանկաբարձուհին,— նրա վերարկուի գրպանում անձնագիր կար գերմանուհի Քեթրին Քինի անվամբ։
— Գուցե ուրիշի՞ վերարկու է։
— Գուցե և,— համաձայնեց մանկաբարձուհին։— Տեսեք, ի՜նչ հրաշալի պստիկ է, հինգ կիլոգրամից պակաս չի լինի, ի՜նչ գեղեցիկ է... Դո՞ւք կզանգահարեք գեստապո, թե ավելի ուշ ես զանգահարեմ։
— Դուք զանգահարեք,— պատասխանեց բժիշկը,— միայն թե հետո։
«Վերջ,— հոգնած, ասես հարևանցիորեն մտածում էր Շտիրլիցը,— այժմ արդեն լիովին մենակ եմ։ Հիմա ես պարզապես բացարձակապես միայնակ եմ...»։
Նա երկար նստեց իր առանձնասենյակում փակված ու չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Մեքենայաբար հաշվեց, որ ինն զանգ եղավ։ Երկու մարդ իրեն զանգահարում էին երկար, հավանաբար, կարևոր մի գործով, կամ զանգահարում էին ստորադրյալները՝ նրանք միշտ երկար են զանգահարում։ Մնացածները կարճ զանգեր էին՝ այդպես զանգահարում են կամ ղեկավարությունից, կամ ընկերները։
Ապա նա դարակից մի թերթ թուղթ հանեց ու սկսեց գրել.
ՍՍ֊ի Ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմմլերին
Հույժ գաղտնի: Անձամբ
Ռայխսֆյուրե՛ր.
Ազգի շահերն ինձ ստիպում են Ձեզ դիմել այս նամակով։ Հուսալի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ Ձեր թիկունքում ՍԴ֊ից ինչ֊որ մարդկանց խումբ կապեր է հաստատում թշնամու հետ, հող որոնելով հակառակորդի հետ գործարքի համար։ Ես չեմ կարող խիստ փաստացիորեն հաստատել այդ տեղեկությունները, բայց խնդրում եմ Ձեզ ընդունել ինձ և լսել իմ առաջարկություններն այդ հարցի առթիվ, որն ինձ չափազանց կարևոր և անհետաձգելի է թվում։ Խնդրում եմ Ձեզ թույլ տալ ինձ, օգտագործելով իմ կապերը Ձեզ առավել մանրամասնորեն տեղեկացնել և առաջարկել այդ մեկնակերպի մշակման իմ պլանը, որը, ցավոք, ինձ շատ ճշմարտանման է թվում։
Հա՛յլ Հիտլեր։
ՍՍ֊ի շտանդարտենֆյուրեր ֆոն Շտիրլից»
Նա գիտեր, թե ում պիտի վկայակոչի խոսակցության դեպքում, երեք օր առաջ օդային հարձակման ժամանակ զոհվել էր Պորտուգալիայից եկած կինոխրոնիկյոր Պուէբլոս Վասսերմանը, որը սերտորեն կապված էր շվեդների հետ։
Տեղեկություն խորհրդածության համար
(Շելլենբերգ)
(ՍՍ֊ի բրիգադենֆյուրեր, ՌՍԽԱ֊ի 6֊րդ բաժանմունքի պետ, 1934 թվականից ՆՍԴԱՊ անդամ Վալտեր Շելլենբերգի կուսակցական բնութագրից․ «Իսկական արիացի է։ Բնավորությունը՝ նորդական, խիզախ, ամուր։ Ընկերների և աշխատանքային ընկրեների հետ բացսիրտ է, մարդամոտ, ընկերասեր։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Ընտանիքի գերազանց հայր է։ Կնոջ թեկնածությունը հաստատված է ՍՍ֊ի ռայխսֆյուրերի կողմից։ Իրեն անվանարկող կապեր չի ունեցել։ Հրաշալի մարզիկ է։ Աշխատանքում իրեն դրսևորել է որպես ականավոր կազմակերպիչ․․․»)
Իր մասաժիստ դոկտոր Քերստենից հետո Հիմմլերը թերևս հավատում էր, ինչպես ինքն իրեն, սոսկ միայն Շելլենբերգին։ Նրան հետևում էր երեսնական թվականների սկզբից, երբ Շելլենբերգը դեռևս սովորում էր։ Նա գիտեր, որ այդ քսաներեքամյա գեղեցիկ տղամարդը ճիզվիտական քոլեջից հետո ավարտել է համալսարանն ու դարձել արվեստագիտության բակալավր։ Նա գիտեր նաև, որ համալսարանում Վալտերի սիրելի պրոֆեսորը ազգությամբ հրեա է եղել։ Նա գիտեր, որ Շելլենբերգը սկզբում կատակի է տվել նացիոնալ֊սոցիալիզմի վեհ գաղափարներն ու ոչ միշտ է գովասանքով արտահայտվել ֆյուրերի մասին։
Երբ Շելլենբեբգին հրավիրեցին աշխատել հետախուզությունում, նա արդեն սկսել էր հիասթափվել գերմանական մտավորականության դիրքորոշումից, որը լոկ ցավով մեկնաբանում էր Հիտլերի ոճրագործությունները և վախվորած ծաղրում ֆյուրերի հիստերիզմը, և ընդունեց Հեյդրիխի առաջարկությունը։
Նրա առաջին մկրտությունը «Կիտտիի սալոնն» էր։ Նեբեի քրեական ոստիկանության պետն իր քարտադարանից ընտրել և այդ աշխարհիկ սալոնն էր ուղարկել Բեռլինի, Մյունխենի և Համբուրգի ամենանրբակիրթ պոռնիկներին։ Հետո, Հեյդրիխի հանձնարարությամբ, Վալտերը գտավ դիվանագետների և բարձրաստիճան զինվորականների գեղեցիկ ու երիտասարդ կանանց, որոնք ձանձրացել էին միայնությունից (նրանց ամուսինները օրեր ու գիշերներ էին անցկացնում խորհրդակցություններում, երթևեկում էին Գերմանիայում, արտասահման թռչում։) Կանայք տխրում էին, նրանք զվարճություններ էին ցանկանում։ Այդ ամենը նրանք գտնում էին Կիտտիի սալոնում, ուր հավաքվում էին դիվանագետներ Ասիայից, Ամերիկայից և Եվրոպայից։
ՍԴ֊ի տեխնիկական գերատեսչության մասնագետներն այդ սրահում պատրաստեցին կրկնակի պատեր ու տեղադեցին ունկնդրության և լուսանկարման սարքավորում։ Հեյդրիխի գաղափարն իրականացնում էր Շելլենբերգը, նա այդ սալոնի տերն էր ու կատարում էր աշխարհիկ միջնորդի դեր։
Հավաքագրումը գնում էր երկու ուղղությամբ. վարկաբեկված դիվանագետները սկսում էին աշխատել Շելլենբերզի հետախուզությունում, իսկ երրորդ ռայխի զինվորական, կուսակցական և պետական գործիչների վարկաբեկված կանայք անցնում էին գեստապոյի շեֆ Մյուլլերի գերատեսչություն, Մյուլլերին մոտ չէին թողնում սալոն՝ աշխատելու. նրա գեղջկական արտաքինը և կոպիտ կատակները կարող էին վախեցնել հաճախորդներին։ Հենց այն ժամանակ էլ նա իրեն կախված զգաց քսանհինգամյա մի երեխայից։
— Նա կարծում է, թե ես կսկսեմ ձեռք գցել իր մանուշակագույն բոզերի ոտքերին,— ասաց Մյուլլերն իր օգնականին,— շատ չէ՞ր լինի։ Մեր գյուղում դրանց նման կնանքանց թրիքի որդ էին ասում։
Եվ երբ ֆրաու Հեյդրիխը ամուսնու բացակայության ժամանակ զանգահարեց Շելլենբերգին, բողոքեց ձանձրույթից ու նրան առաջարկեց քաղաքից դուրս, որևէ լճափ գնալ, Մյուլլերն անմիջապես իմացավ այդ մասին և որոշեց, որ հիմա այդ սիրունիկ տղայի վիզը ոլորելու ճիշտ ժամանակն է։ Նա չէր պատկանում գեստապոյի այն «ծերունիների» թվին, որոնք Շելլենբերգին լուրջ դեմք չէին համարում՝ սիրուն տղա է, գրադարանից վերցնում է լատիներեն ու իսպաներեն գրքեր, հագնվում է ձևապաշտի պես, առանց թաքնվելու սիրավեպեր է ունենում, Պրինցալբրեխտշտրասսեով ոտքով է քայլում, հրաժարվում է մեքենայից, մի՞թե դա լուրջ հետախույզ է։ Շատախոսում է, ծիծաղում, խմում...
Մյուլլերի գեղջկական, ծանրաշարժ, բայց նորին արագ արձագանքող միտքը հուշեց նրան, որ Շելլենբերգն առաջինն է նոր սերնդի մեջ։ Սիրելին իր ետևից իր նմաններին կբերի։
Շելլենբերգը ֆրաու Հեյդրիխին տարավ Պլոյներ լիճը։ Սա միակ կինն էր, ում հարգում էր Վալտերը, կարող էր նրա հետ խոսել Հելադայի վսեմ ողբերգության և Հռոմի կոպիտ զգայականության մասին։ Նրանք թափառում էին լճափին և խոսում, մեկը մյուսին ընդհատելով։ Մյուլլերի գերատեսչությունից երկու մռութ֊տղերք լողանում էին սառը ջրում։ Շելլենբերգը չէր կարող ենթադրել, որ անչափ սառը ջրում լողացող այդ երկու ապուշները կարող են գեստապոյի գործակալներ լինել։ Նա գտնում էր, որ գործակալն իրավունք չունի այդպես բացահայտորեն իր վրա ուշադրություն հրավիրել։ Մյուլլերի գեղջկական խորամանկությունը գերազանցեց Շելլենբերգի հստակ տրամաբանությանը։ Գործակալները պետք է լուսանկարեին «օբյեկտները», եթե զույգը ըստ Մյոլլլերի խոսքերի, որոշեր «պառկել թփերի տակ», քայց «օբյեկտները» թփերի տակ չպառկեցին։ Սուրճ խմելով բացօթյա պատշգամբում, նրանք քաղաք վերադարձան։ Այնուամենայնիվ, Մյուլլերը որոշեց, որ կույր խանդը միշտ ավելի սարսափելի է «տեսանելիից»։ Դրա համար էլ նա Հեյդրիխի սեղանին հաղորդագրություն դրեց այն մասին, որ նրա կինն ու Շելլենբերգը միասին զբոսնել են անտառում և կես օր անցկացրել Պլոյներ լճի ափին։
Կարդալով այդ հաղորդագրությունը, Հեյդրիխը ոչինչ չասաց Մյուլլերին։ Ամբողջ օրն անցավ անտեղյակության մեջ։ Իսկ երեկոյան, նախօրոք զանգահարելով Մյուլլերին, Հեյդրիխը մտավ Շելլենբերգի առանձնասենյակը, խփեց նրա մեքքին։
— Այսօր վատ տրամադրություն ունեմ, գնանք խմելու։
Եվ նրանք երեքով մինչև առավոտյան ժամը չորսը թափառեցին փոքրիկ ու կեղտոտ պանդոկներում, սեղան էին նստում հիստերիկ պոռնիկների և վայլուտայի սպեկուլյանտների հետ, ծիծաղում էին, կատակում, բոլորի հետ ժողովրդական երգեր երգում, իսկ արդեն լուսադեմին, սպիտակ կտրած Հեյդրիխը մոտ նստելով Շելլենբերգին, առաջարկեց բրուդերշաֆտ խմել։ Եվ նրանք խմեցին, ու Հեյդրիխը ափով ծածկելով Շելլենբերգի գավաթը, ասաց.
— Ուրեմն այսպես, ձեր գինու մեջ թույն կար։ Եթե դուք ինձ ամբողջ ճշմարտությունը չասեք, թե ինչպես եք ժամանակ անցկացրել ֆրաու Հեյդրիխի հետ, կմեռնեք։ Եթե ճշմարիտն ասեք, որքան էլ այն սարսափելի լինի ինձ համար, ես ձեզ հակաթույն կտամ։
Շելլենբերգն ամեն ինչ հասկացավ։ Նա կարողանում էր ամեն ինչ իսկույն հասկանալ։ Նա հիշեց քառակուսի դեմքերով երկու բաշիբուզուկներին, որոնք լողանում էին լճում, նա տեսավ Մյուլլերի դեսուդեն ընկած աչքերը, նրա չափազանց ժպտացող բերանն ու ասաց․
— Ուրեմն այսպես, ֆրաու Հեյդրիխը զանգահարեց ինձ։ Նա տխուր էր, և ես նրա հետ գնացի Պլոյներ լիճը։ Ես կարող եմ ձեզ վկաներ ներկայացնել, որոնք գիտեն, թե մենք ինչպես ենք ժամանակ անցկացրել։ Մենք զբոսնում ու խոսում էին Հունաստանի մեծության մասին, որին խորտակեցին մատնիչները, երկիրը ծախելով Հռոմին։ Ի դեպ, Հունաստանին ոչ միայն դա խորտակեց։ Այո՛, ես ֆրաու Հեյդրիխի հետ եմ եղել, ես աստվածացնում եմ այդ կնոջը, տիկնոջը մի մարդու, ում ես իրոք մեծ մարդ եմ համարում։ Հակաթույնն ո՞ւր է,— հարցրեց նա։— Ո՞ւր է։
Հեյդրիխը քմծիծաղեց, գավաթի մեջ մի քիչ մարտինի լցրեց ու մեկնեց Շելլենբերգին։
Դրանից կես տարի հետո Շելլենբերգը մտավ Հեյդրիխի մոտ ու նրանից թույլտվություն խնդրեց։
— Ես ցանկանամ եմ ամուսնանալ,— ասաց նա,— բայց իմ զոքանչը լեհուհի է։
Դա քննության առարկա դարձավ ՍՍ֊ի ռայխսֆյուրեր Հիմմլերի մոտ։ Սա անձամբ նայեց նրա ապագա կնոջ և զոքանչի լուսանկարները։ Ռոզենբերգի գերատեսչությունից մասնագետներ եկան։ Մանրակարկինով ստուգեցին գանգի կառուցվածքը, ճակատի մեծությունը, ականջների ձևը։ Հիմմլեըը Շելլենբերգին թույլատրեց ամուսնանալ։
Երբ ամուսնությունը կայացավ, լավ խմած Հեյդրիխը թևանցուկ արեց Շելլենբերգին, տարավ լուսամուտի մոտ ու ասաց.
— Կարծում եք, ինձ հայտնի չէ՞, որ ձեր կնոջ քույրն ամուսնացել է հրեա բանկատիրոջ հետ։
Շելլենբերգն իր մեջ դատարկություն զգաց ու նրա ձեռքերը սառչեցին։
— Դե լա՜վ,— ասաց Հեյդրիխն ու հանկարծ հոգոց հանեց։
Այն Ժամանակ Շելլենբերգը չհասկացավ, թե ինչու հոգոց հանեց Հեյդրիխը։ Նա այդ հասկացավ շատ ավելի ուշ, իմանալով, որ կայսերական անվտանգության պետի պապը հրեա է եղել ու ջութակ է նվագել վիեննական օպերետայում։
... Արևմուտքի հետ կապերի առաջին փորձերը Շելլենբերգը ձեռնարկեց 1939 թվականին։ Նա մի բարդ խաղ սկսեց անգլիացի երկու հետախույզների՝ Բեստի և Ստեֆենսի հետ։
Կապ ստեղծելով այդ մարդկանց հետ, նա ուզում էր ոչ միայն նրանց առջև հանդես գալ որպես գեներալների հակահիտլերյան խմբավորման ղեկավար, այլ նաև թռչել Լոնդոն, կապերի մեջ մտնել անգլիական հետախուզության, արտաքին գործերի մինիստրության և կառավարության բարձրաստիճան անձանց հետ։ Պաշտոնապես Մեծ Բրիտանիայի դեմ պրովոկացիա սարքելով, նա, այդուհանդերձ կամենում էր Դառլնինգ֊սթրիթի հետ լուրջ կապերի հնարավորությունը շոշափել։
Բայց Շելլենբերգի՝ Լոնդոն թռչելու նախօրյակին նրան զանգահարեց Հիմմլերը։ Խզվող ձայնով Հիմմլերն ասաց, որ հենց նոր ֆյուրերի վրա մահափորձ է կատարվել Մյունխենում։ Ֆյուրերը գտնում է, որ հավանորեն դա անգլիական հետախուզության գործն է, դրա համար էլ անհրաժեշտ անգլիացիներին՝ և՛ Բեստին, և՛ Ստեֆենսին հափշտակել ու Բեռլին բերել։
Շելլենբերգը Հոլանդիայում, Վենլոյում մի վիթխարի ներկայացում սարքեց։ Կյանքը վտանգի ենթարկելով, նա Բեռլին բերեց Բեստին և Ստեֆենսին։ Նրանց հարցաքննում էին ամբողջ գիշերը և դատելով նրանից, որ սղագրողն այնուհետև անգլիացի հետախույզների հարցաքննությունը վերամեքենագրում էր հատուկ գրամեքենայի վրա, որի տառերը երեք անգամ մեծ էին սովորականից, Շելլենբերգը հասկացավ, որ այդ նյութերն անհապաղ գնում են ֆյուրերի մոտ՝ նա մանր շրիֆտ կարդալ չէր կարողանում, նա միայն մեծ, թավ տպված տառեր էր կարողանում կարդալ։
Ֆյուրերը գտնում էր, որ մահափորձը կազմակերպված է իր նախկին ընկեր ու ներկա թշնամի կրտսեր-Շտրասսերի «Սև կապելլայի» կողմից, անգլիացիներ Բեստի ե Ստեֆենսի հետ սերտ համագործակցությամբ։
Բայց այդ օրերին պատահմամբ, շվեյցարական սահմանն անցնել փորձելիս ձերբակալվեց ատաղձագործ Էսլերը։ Տանջահար վիճակում նա խոստովանեց, որ ֆյուրերի վրա մահապատիժը նախապատրաստել է ինքը, մեն֊մենակ։
Հետո, երբ տանջանքներն անտանելի դարձան, Էսլերն ասաց, որ ավելի ուշ, ճիշտ մահափորձփց առաջ, իրեն են միացել ևս երկու հոգի։
Շելլենբեըգը համոզված էր, որ այդ երկուսը Շտրասսերի «Սև կապելլայից» են և անգլիացիների հետ որևիցե կապ այստեղ գոյություն չունի։
Հաջորդ օրը Հիտլերը հանդես եկավ մամուլում, անգլիացիներին մեղադրելով այն բանում, որ նրանք խելագար տեռորիստների աշխատանքն են ղեկավարում։ Նա սկսեց միջամտել հետաքննությանը։ Չնայած դա խանգարում էր Շելլենբերգին, բայց նա ոչինչ անել չէր կարող։
Երեք օր անց, երբ քննությունը նոր-նոր էր ծավալվում, Հիտլերն իր մոտ ճաշի հրավիրեց Հեսսին, Հիմմլերին, Հեյդրիխին, Բորմանին, Քեյթելին և Շելլենբերգին։ Ինքը բացգույն թեյ էր Խմում, իսկ հյուրերին շամպայն ու շոկոլադ հյուրասիրում։
— Հեյդրիխ,— ասաց նա,— դուք պետք է օգտագործեք բժշկության և հիպնոզի բոլոր նորությունները։ Դուք պարտավոր եք Էսլերից իմանալ, թե իր հետ ով է կապ ունեցել։ Ես համոզված եմ, որ ռումբը պատրաստված էր արտասահմանում։
Հետո, չսպասելով հեյդրիխի պատասխանին, հիտլերը շրջվեց Շելլենբերգի կողմն ու հարցրեց.
— Դե, իսկ ձեր կարծի՞քն ինչ է անգլիացիների մասին։ Չէ որ դուք նրանց հետ դեմ հանդիման եք եղել Հոլանդիայում, բանակցությունների ժամանակ։
Շելլենբերգը պատասխանեց.
— Նրանք կբռվեն մինչև վերջ, իմ ֆյուրեր։ Եթե մենք օկուպացնենք Անգլիան, նրանք կտեղափոխվեն Կանադա։ Իսկ Ստալինը կսկսի ծիծաղել, նայելով, թե ինչպես են կռվում եղբայրները՝ անգլոսաքսերը և գերմանացիները։
Սեղանի շուրջ բոլորը քարացան։ Աթոռին մեխված Հիմմլերը սկսեց Շելլենբերգին նշաններ անել, բայց նա չէր տեսնում Հիմմլերին ու իրենն էր շարունակում։
— Իհարկե, տնական վեճից ավելի վատ բան չկա,— մտազբաղ, առանց բարկանալու պատասխանեց Հիտլերը։— Յուրայինների միջև եղած վեճից վատ բան չկա, բայց չէ՞ որ Չերչիլը խանգարում է ինձ։ Մինչ այն ժամանակ, քանի դեռ նրանք ռեալիստներ չեն դառնա Անգլիայում, ես պե՛տք է, ես պարտավոր եմ, ես իրավունք չունե՛մ նրանց հետ չկռվել։
Երբ բոլորը հեռացան ֆյուրերի մոտից, Հեյդրիխն ասաց Շելլենբերգին․
— Ձեր բախտից Հիտլերը լավ տրամադրություն ուներ, այլապես ձեզ կմեղադրեր, որ անգլիասեր եք դարձել Ինթելիչենս-սերվիսի հետ շփումից հետո։ Եվ որքան էլ ցավայի լիներ ինձ համար, ձեզ խուց կնստեցնեի, և որքան էլ ցավալի լիներ ինձ համար, կգնդակահարեի ձեզ, բնականաբար, նրա հրամանով։
... Երեսուն տարեկանում Շելլենբերգը դարձավ երրորդ ռայխի քաղաքական հետախուզության պետը։
Երբ, Հիմմլերի դործակալությունն իր շեֆին հայտնեց, որ Ռիբբենտրոպը հղանում է Ստալինի սպանության պլանը (նա ցանկանում էր անձամբ գնալ Ստալինի մոտ, իբր բանակցությունների համար և սպանել նրան հատուկ ինքնահոսից), ռայխսֆյուրերը թռցրեց այդ միտքը և առաջինը գնաց Հիտլերի մոտ այդ առաջարկով ու Շելլենբերգին հրամայեց երկու գործակալ նախապատրաստել։ Գործակալներից մեկը, ինչպես ինքն էր հաստատում, ճանաչում էր Ստալինի գարաժի մեխանիկի բարեկամներին։
Կարճալիք ռադիոընդունիչով, որը պատրաստված էր «Կազբեկ» պապիրոսի տուփի տեսքով, երկու գործակալները ռազմաճակատի գծի վրայով անցկացվեցին Ռուսաստան։
Ֆոն Շտիրլիցը գիտեր, թե այդ մարդիկ երբ են անցնելու ռազմաճակատի գիծը։ Մոսկվան նախազգուշացված էր, գործակալները ձերբակալվեցին։
Շելլենբերգի աշխատանքում եղած ձախողումները փոխհատուցվում էին հեռատեսորեն մտաձելու և իրադրությունը հստակորեն վերլուծելու նրա կարողությամբ։ Հենց Շելլենբերգն էր, որ դեռևս 1944 թվականի կեսերին ասաց Հիմմլերին, որ առաջիկա տարվա ընթացքում նրա համար ամենավտանգավոր դեմքը ոչ թե Գերման Գյորինգն է լինելու, ոչ թե Գեբրելսը և ընդհանուր առմամբ ոչ էլ Բորմանը։
— Շպեե՛րը,— ասաց նա,— Շպեերը մեր ամենագլխավոր հակառակորդն է լինելու։ Շպեերը դա արդյունաբերության և պաշտպանության մասին ներքին ինֆորմացիա է։ Շպեերը ՍՍ֊ի օբերգրուպպենֆյուրեր է։ Շպեերը դա սպառազինության մինիստրությունն է, դա թիկունք է և ռազմաճակատ, գա ԻԳ կոնցեռնն է առաջին հերթին, հետևաբար՝ Ամերիկայի հետ տրադիցիոն ուղղակի կապ։ Շպեերը կապված է Շվերին ֆոն Կրոզիկի հետ։ Դա նշանակում է ֆինանսներ։ Շվերին ֆոն Կրոզիկը հազվադեպ է թաքցնում իր օպոզիցիան ֆյուրերի պրակտիկայի նկատմամբ։ Ոչ թե գաղափարի, այլ հենց պրպկտիկայի։ Շպեերը լռակյաց հզորություն է։ Արդյունաբերության այն խումբը, որն ստեղծված է այժմ և որը գբաղվում է Գերմանիայի ետպատերազմյան վերածննդի պլաններով, ապագայի ուղեղն է, սիրտն ու ձեռքերը։ Ես գիտեմ, թե ներկայումս ինչով են զբաղված Շպեերի շուրջ համախմբված մեր արդյունաբերողները։ Նրանք զբաղված են երկու պրոբլեմով․ ինչպես առավելագույն շահույթ քամեն ու ինչպես այդ շահույթը փոխադրեն արևմտյան բանկերը։
Լսելով Շելլենբերգի այդ փաստարկները, Հիմմլերն առաջին անգամ մտածեց, որ այն գաղտնիքի բանալին, որ իր մեջ կրում է Շպեերը, ինքը կարող է գտնել, տիրանալով Բորմանի արխիվին, քանի որ եթե արդյունաբերողների կա պերը չեզոքների և Ամերիկայի հետ օգտագործում է ոչ թե ինքը՝ Հիմմլերը, ապա հավանաբար դրանք կարող է օգտագործել Բորմանը։
18.2.1945 (Ժամը 11-ն անց 46 րոպե)
Պատերազմի վերքին ամիսներին, երբ Հիտլերը հմայության պես կրկնում էր, որ անգլո֊սովետա֊ամերիկյան միության խորտակումը շաբաթների հարց է, երբ նա բոլորին հավատացնում էր, թե Արևմուտքը դեռևս օգնության կդիմի գերմանացիներին՝ վճռական պարտությունից հետո, շատերին դա թվում էր ֆյուրերի բնավորության դրսևորում՝ մինչև վերջ հավատալ իր երևակայության ստեղծածին։ Այնինչ, տվյալ դեպքում Հիտլերը հենվում էր փաստերի վրա. Բորմանի հետախուզությունը դեռևս 1944 թվականի կեսերին Լոնդոնում ձեռք էր բերել հույժ գաղտնի մի փաստաթուղթ։ Այդ փաստաթղթում մասնավորապես կային Ուինստոն Չերչիլլին պատկանող հետևյալ տողերը. «Սարսափելի աղետ կկատարվեր, եթե ռուսական բարբարոսությունը ոչնչացներ եվրոպական հնագույն պետությունների մշակույթն ու անկախությունը»։ Նա դա գրել էր իր գաղտնի հուշագրում, 1942 թվականի հոկտեմբերին, երբ ռուսները ոչ թե Լեհաստանում էին, այլ Ստալինգրադի տակ, ոչ թե Ռումինիայում, այլ Սմոլենսկի մատույցներում, ոչ թե Հարավսլավիայում, այլ Խարկովի մերձակայքում։
Հավանաբար, ամեն տեսակի բանակցությունների փորձերը անհապաղ մահապատժով վերջացնելու մասին հրամաններ չէր արձակի Հիտլերը, եթե իմանար կարծիքների այն կատաղի բախման մասին, որն առկա էր անգլիացիների և ամերիկացիների միջև 1943֊1944 թվականներին, դաշնակից բանակների գլխավոր հարվածի ուղղության կապակցությամբ։ Չերչիլլը պնդում էր, որ զորքերը Բալկաններում իջեցվեն։ Անհրաժեշտությունը պատճառաբանում էր այսպես. «Հարցն այսպես է դրված, պատրա՞ստ ենք արդյոք հաշտվել Բալկանների, հնարավոր է նաև Իտալիայի կոմունիզացմանը։ Հարկ է ստույգ հաշիվ տալ այն առավելությունների տեսակետից, որը ձեռք կբերեն արևմտյան դեմոկրատները, եթե նրանց բանակները օկուպացնեն Բուդապեշտը և Վիեննան, ազատագրեն Պրագան և Վարշավան...»։
Սթափ մտածող ամերիկացիները հասկանում էին, որ հիմնական հարվածը Հիտլերին ոչ թե Ֆրանսիայում, այլ Բալկաններում հասցնելու Չերչիլլի փորձերը չափազանց եսասիրական են։ Նրանք իրենց հաշիվ էին տալիս, որ Չերչիլլի տեսակետի հաղթանակը Մեծ Բրիտանիան հեգեմոն կդարձնի Միջերկրական ծովում, հետևաբար հենց Մեծ Բրիտանիան կդառնա Աֆրիկայի, արաբական Արևելքի, Իսպանիայի, Հարավսլավիայի և Հունաստանի տերը։ Ուժերի հավասարակշռությունն այդպիսով ոչ Միացյալ Նահանգների օգտին կլիներ, և ափհանումը նշանակվեց Ֆրանսիայում։
Զգույշ և համարձակ քաղաքագետ Չերչիլլը որոշակի ծայրահեղ հանգամանքների դեպքում կարող էր շփման մեջ մտնել ֆյուրերի դեմ եղած օպոզիցիայի հետ, միասնական ճակատ ստեղծելու համար, որպեսզի խոչընդոտեր ռուսների առաջխաղացումը դեպի Ատլանտյանի ափերը, որից նա շատ֊շատ էր վախենում։ Սակայն 1944 թվականի ամռանը դավադիրների ոչնչացումից հետո Գերմանիայում նման ուժեր չկային։ Բայց և Չերչիլլը գտնում էր, որ յուրաքանչյուր զգույշ «սիրավեպ» ռայխի այն ղեկավարների հետ, որոնք կփորձեին վերմախտի բանակների կապիտուլյացիան իրականացնել Արևմուտքում, թեև քիչ հավանական էր (Ռոլզվելտի հաստատ դիրքորոշման և ամբողջ աշխարհում ռուսասիրական տրամադրությունների պատճառով), բայց նման «սիրավեպը» նրան հնարավորություն կընձեռեր ավելի դաժան քաղաքականություն անցկացնել Ստալինի նկատմամբ, հատկապես լեհական և հունական հարցերում։
Եվ երբ ռազմական հետախուզությունը Չերչիլլին զեկուցեց այն մասին, որ գերմանացիները շփման եզրեր են փնտրում դաշնակիցների հետ, նա պատասխանեց.
— Բրիտանիային կարող են մեղադրել դանդաղկոտության, հանդգնության, հումորիստական վերլուծականության մեջ... Բայց ոչ ոք չի կարող Բրիտանիային մեղադրել նենգության մեջ, և ես աղոթում եմ աստծուն, որպեսզի երբեք մեզ չկարողանան դրա մեջ մեղադրել։ Թեև,— ավելացրեց նա և նրա աչքերը պողպատյա դարձան ու միայն դրանց խորքերում ծիծաղի կայծեր էին թռչկոտում,— ես միշտ խնդրել եմ ճիշտ սահման անցկացնել ազգերի համագործակցության ամրապնդմանն ուղղված դիվանագիտական խաղի և ուղղակի, անբանական նենգության միջև։ Միայն ասիացիները կարող են դիվանագիտական նուրբ և բարդ խաղը նենգություն համարել․․․
— Բայց նպատակահարմարության դեպքում խաղը կարող է ոչ թե խաղ, այլ առավել լուրջ գործողություն լինել,— հարցրեց հետախուզության պետի օգնականը։
— Ձեր կարծիքով խաղը լո՞ւրջ չէ։ Խաղն ամենալուրջ բանն է, որ կա աշխարհում։ Խաղը և գեղանկարչությունը, մնացյալն ունայն է ու սին,— պատասխանեց Չերչիլլը։ Նա պառկած էր անկողնում, դեռ չէր ելել իր տրադիցիոն ցերեկային քնից, դրա համար էլ բարեհոգի և ուրախ տրամադրության մեջ էր։— Քաղաքականությունն այն ձևով, որ մենք վարժվել ենք ընկալել, մեռել է։ Աշխարհի այս կամ այն շրջանում նրբակիրթ օպերացիաների տեղական քաղաքականությանը փոխարինելու է եկել գլոբալ քաղաքականությունը։ Դա այլևս անհատականության ինքնակամություն չէ, դա այլևս մարդկանց այս կամ այն խմբի անհատապաշտական ուղղվածություն չէ, դա մաթեմատիկայի պես ճշգրիտ գիտություն է և բժշկության մեջ փորձնական ճառագայթման պես վտանգավոր։ Գլոբալ քաղաքականությունը փոքր երկրներին անհամար ողբերգություններ կբերի՝ դա փշրված բանականությունների և կործանված տաղանդների քաղաքականություն է։ Գլոբալ քաղաքականությանը կենթարկվեն գեղանկարիչները և աստղագետները, դռնապաններն ու մաթեմատիկաւները, թագավորներն ու հանճարները։— Չերչիլլն ուղղեց ծածկոցը և ավելացրեց,― մի որևէ շրջանում թագավորի և հանճարի միացումը ամենևին ուղղված չէ թագավորի դեմ, այդ շրջանում ամփոփված հակադրությունը պատահական է և ոչ թե նպատակաուղղված։ Գլոբալ քաղաքականությունը անսպասելի այնպիսի ալյանսներ կենթադրի, ստրատեգիայի մեջ այնպիսի պարադոքսային շրջադարձեր, որ 1941 թվականի հունիսի 22-ի իմ ուղերձը Ստալինին կթվա տրամաբանության և հետևողականության ծայրակետ։ Ի միջի այլոց, իմ ուղերձը տրամաբանական էր, հետևողականության հարցը երկրորդական է, գլխավորը ազգերի համագործակցության շահերն են, մնացած բոլորը կներվի պատմության կողմից․․․
18.2.1945 (Ժամը 12-ն անց 09 րոպե)
- ↑ ՍՍ ― (շուտցշտաֆելն), նացիստական կուսակցության պահնորդական ջոկատներ, ստեղծված 1925 թ․։ Հատկապես ընտրված նացիստների տեռորիստական բանդաներ, որոնք մինչև հիտլերյան ռեժիմի ավարտը կատարում էին դահճական հատուկ հանձնարարականներ ինչպես բուն Գերմանիայի ներսում, այնպես էլ ժամանակավորապես օկուպացված երկրներում։ (Այս և հետագա բոլոր ծան․ թարգմ․)։
- ↑ ՍԴ — (զիհերհայտդինստ), ՍՍ֊ի ոայխսֆյուրերին առընթեր անվտանգության ձառայություն և, գերմանական ֆաշիզմի լայնորեն ճյուղավորված լրտեսական֊տեռորիստական կազմակերպություն։
- ↑ օստրակիզմ — հալաձանք, արտաքսում։
- ↑ ՆՍԴԱՊ ― Նացիոնալ֊սոցիալիստական գերմանական աշխատանքային կուսակցություն։
- ↑ բառացի՝ կուսակցական ղեկավար։
- ↑ ընտիր գերմաներեն։
- ↑ բունկեր ― այստեղ՝ Հիտլերի հատուկ թաքստոցը։
- ↑ Ողջ լինեք։
- ↑ Կուսակցության ընկեր։
- ↑ Գրիպ։
- ↑ Հակակրանքի հիվանգապին զգայնություն։
- ↑ Պատերազմական տուգանք։
- ↑ ՍԱ (շտուրմաբաեյլունգ) — 1921 թ․ ստեղծված նացիստական կուսակցության պահնորդական ջոկատներ, հիտլերականների կիսառազմական կազմակերպություն, որն օգտագործվում էր գերմանական հակաֆաշիստների՝ առաջին հերթին, կոմունիստների հետ տեռորիստական հաշվեհարդարի, ինչպես նաև մյուս երկրների ժողովուրդների դեմ վաղօրօոք պլանավորված ոճրագործ մտադրությունների իրականացման համար։ ՍԱ֊ն Հիտլերը, 1923 թ. Գյորինգը, ապա՝ Ռէմը։ 1934 թվականից հետո ՍԱ֊ն ՍՍ֊ին զիջեց առաջին տեղը գերմանական ֆաշիզմի հանցագործ կազմակերպությունների սիստեմում։
- ↑ Կլոր սեղան։
- ↑ ԱՄՆ քաղաքական հետախուզությունը պատերազմի տարիներին։
- ↑ Հետաքննության ֆեդերալ բյուրո։