«Բարձունք տանող արահետով»–ի խմբագրումների տարբերություն
Տող 1. | Տող 1. | ||
+ | {{Վերնագիր | ||
+ | |վերնագիր = Բարձունք տանող արահետով | ||
+ | |հեղինակ = [[Արիս Արսենի]] | ||
+ | |աղբյուր = [[«Բարձունք տանող արահետով»]] | ||
+ | |թարգմանիչ = | ||
+ | }} | ||
+ | [[Կատեգորիա:Չափածո]] | ||
+ | [[Կատեգորիա:Գրքեր]] | ||
+ | <div style="text-align: right;"><i><b>«Ափ», Ստեփանակերտ, 2007, 160 էջ</b></i></div> | ||
+ | |||
+ | |||
[[Կատեգորիա:Արիս Արսենի]] | [[Կատեգորիա:Արիս Արսենի]] | ||
[[Կատեգորիա:Չափածո]] | [[Կատեգորիա:Չափածո]] | ||
[[Կատեգորիա:Հայ գրականություն]] | [[Կատեգորիա:Հայ գրականություն]] | ||
[[Կատեգորիա:Ստեփանակերտ]] | [[Կատեգորիա:Ստեփանակերտ]] | ||
− | |||
− | |||
− | |||
− | |||
03:46, 27 Մարտի 2017-ի տարբերակ
հեղինակ՝ Արիս Արսենի |
Բովանդակություն
- 1 Կարոտների հովիտ
- 1.1 ՆԱԽԵՐԳ
- 1.2 ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ...
- 1.3 ԻՄ ԵՐԳԸ
- 1.4 ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՂԵԴԻ
- 1.5 ԽԱՉՈՒՆՑ ԱՂԲՅՈՒՐԸ
- 1.6 ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԲՆԱՆԿԱՐ
- 1.7 ՆՈՐԻՑ ԱՅՑԻ ԿԳՆԱՄ
- 1.8 ԼԵՌՆԵՐԸ ԽՈՆԱՐՀՎԵԼ ՉԳԻՏԵՆ
- 1.9 ԳԱՐՈՒՆ
- 1.10 ԱՆՑՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ...
- 1.11 ՕՐՈՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ
- 1.12 ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ԵՍ ԷԼ...
- 1.13 ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ
- 1.14 ԿՅԱՆՔ, ՇԱՏ ԵՍ ՆՄԱՆ...
- 1.15 ՄԻ ՊԱՐԾԵՆԱ...
- 1.16 ԴԵՂԻՆ ԳՈՒՅՆ
- 1.17 ԾԱՂԻԿՆԵՐՆ ԵՆ ՄԻՇՏ...
- 1.18 ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
- 1.19 ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ...
- 1.20 ՄԻՆԱ ՄԱՅՐԻԿԸ
- 1.21 ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
- 1.22 ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ
- 1.23 ՀԱՅԱՍՏԱՆ
- 1.24 ՇԻՐԱԶԱԿԱՆ
- 1.25 ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
- 1.26 ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
- 1.27 ԽՈՐՀՈՒՄ ԵՍ...
- 1.28 ՖԻՐԴՈՒՍՈՒՆ
- 1.29 ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉԸ
- 1.30 ՆՈՐԻՑ ԼԵՌՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ...
- 1.31 ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄՏՈՐՈՒՄ
- 1.32 ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է...
- 1.33 ԻՆՉՔԱՆ ԴԺՎԱՐ Է...
- 1.34 ԿԱՐՈՏ
- 1.35 ԱՇՈՒՆ
- 1.36 ՃԱԿԱՏԱՄԱՐՏ
- 1.37 ԴՈՒ ՏԱՐՎՈՒՄ ԵՍ...
- 1.38 ԱՆՁՐԵՎԸ
- 1.39 ԵՍ ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ...
- 1.40 ՈՐՈՆՈՒՄ
- 1.41 ԻՆՉ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ...
- 1.42 ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
- 1.43 ՄԱՂԹԱՆՔ
- 1.44 ՊԱՏԳԱՄ
- 1.45 ՎԵՐՋԵՐԳ
- 2 Ես չեմ մոռացել
- 2.1 ՆԱԽԵՐԳ-ԸՆԾԱՅԱԿԱՆ` «ԳԱԼԻՔԻՑ»
- 2.2 ԱՍՈՒՄ ԵՆ...
- 2.3 ՔԱՂՑՐ ՀՈՒՇ
- 2.4 Ո՞ՒՐ ԵՆ ԻՄ ՍԻՐՈ...
- 2.5 ՔՈ ԱՉՔԵՐԸ
- 2.6 ԱՐԻ ԿԱՄԱ՜Ց ՔԱՅԼԵՆՔ...
- 2.7 ԿԱՆԳՆԵԻ ՔՈ ԴԵՄ...
- 2.8 ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՔԵԶ
- 2.9 ՊԱՏԱՍԽԱՆ
- 2.10 ՎԵՐՀՈՒՇ
- 2.11 ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ...
- 2.12 ՇԱ՜Տ ՄԱՆ ԱՐԻ...
- 2.13 ՉԷ ՈՐ ԵՍ ՔԵԶ...
- 2.14 ԵՍ ԳԻՏԵՄ...
- 2.15 ԿԳՆԱ՜Մ...
- 2.16 ԴՈՒ ԵԿԱ՞Ր...
- 2.17 ՄԵԿԻ ՍԻՐՈՎ...
- 2.18 ՔՈ ՄԱՍԻՆ...
- 2.19 ԵՐԱՆԻ, ԹԵ...
- 2.20 ՄԻ՞ԹԵ ՎԱՂՈՒՑ Է...
- 2.21 ԱՅԴՊԵՍ ՉԷԻ ՈՐՈՇԵԼ...
- 2.22 ՆՈՐԻՑ ԿԳԱՍ...
- 2.23 ԼՈ՜ՒՌ ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ...
- 2.24 ՇԻԿԱՆՈՒՄ-ՄԱՐՈ՜ՒՄ ԵՆ...
- 2.25 ԵՍ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ, ԻՍԿ ԴՈՒ` ՉԳԻՏԵՄ
- 2.26 ՈՒՇԱՑԱԾ... ԿԱՆՉ
- 2.27 ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
- 2.28 ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
- 2.29 Ո՞Վ Է ԱՆՑԵԼ...
- 2.30 ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
- 2.31 ԵՐԲ ԵԿԱՐ...
- 2.32 Ի՞ՆՉ ԱՆԵՄ...
- 2.33 ՎԻՇՏՍ ՏՎԻ...
- 2.34 ԱՍԱ՜, Ո՞ՒՐ...
- 2.35 ԵՐԿԱ՜Ր ՆԱՅԵՑԻ...
- 2.36 ՆԱ ԵՐԱԶ ԷՐ...
- 2.37 ԴՈՒ ՄՆԱ՜...
- 2.38 ԷԼ ՄԻ՜ ՏԵՆՉԱ ԻՆՁ...
- 2.39 ՎԵՐՋԱՑԱ՞Վ...
- 2.40 ՏՐԻՈԼԵՏՆԵՐ ՎԵՆԵՐԱ ԱՂԱՍՅԱՆԻՆ
- 2.41 1. ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՐԱ՜Զ ԷԻՐ...
- 2.42 2. ԴՈՒ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ ԵՍ...
- 2.43 3. ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս, ԹԵ ԿՅԱՆՔՆ...
- 2.44 4. ԴՈՒ ԻՆՁ ԵՍ ՆԱՅՈՒՄ...
- 2.45 5. ԴՈՒ ԱՍՈՒՄ ԵՍ` ԶՈ՞ՒՐ ՍԻՐԵՑԻ...
- 2.46 6. ԴՈՒ ՆԱՅԵՑԻ՜Ր ԱՉՔԵՐԻՍ ՄԵՋ...
- 2.47 7. ԴՈՒ ԱՏԵԼՈՎ ԱՏՈ՞ՒՄ ԵՍ ԻՆՁ...
- 2.48 8. ԴՈՒ ՏԽՐՈ՞ՒՄ ԵՍ ԴԵՌ...
- 2.49 ՎԵՆԵՐԱ... ՍԻՐՈ ԽՈՐՀՈՒՐԴԸ
- 2.50 ՉՄՈՌԱՆԱ՜Ս...
- 2.51 ՎԵՐՋԵՐԳ
- 3 ԲԱՐՁՈՒՆՔ ՏԱՆՈՂ ԱՐԱՀԵՏՈՎ
Կարոտների հովիտ
ՆԱԽԵՐԳ
Կարոտներիս կանաչ հովտում թափառում եմ մեն-մենակ,
Աշխարհի չափ բարությամբ լի, հուր բաղձանքով մի համակ:
Թափառում եմ, շրջում երկար` հովտի լայնքով, երկայնքով,
Ու դյութվում եմ ծաղիկների անուշաբույր հմայքով:
Կանաչ հովտում շրջում եմ ու... հույզերեն եմ ես երգում,
Իսկ քո սերը ծաղկանց տեսքով բուրվառում է իմ հոգում:
Ու երգում եմ քո աչքերը` ճաճանչներով արևի...
Երազներիս կանաչ հովտում որոնում եմ քեզ էլի:
1977, Դիլիջան
ԸՆԿԵՐՈՋ ՀԱՄԱՐ...
Ընկերոջ անհույս վիշտը կկիսեմ,
Ես նրա լավը չեմ խլի երբեք:
Ընկերոջ համար կյանքս կզոհեմ,
Ես նրա վարդը չեմ խլի երբեք:
Ընկերոջ սրտի փուշը կհանեմ,
Ես նրա զարդը չեմ խլի երբեք:
Իմ սրտի համար` ես իմ ընկերոջ
Սրտի մի զարկը չեմ խլի երբեք...
1973, Կոճողոտ
ԻՄ ԵՐԳԸ
Իմ երգը լայնարձակ է,
Իմ երգը սահման չունի
Անսահման իմ հոգու պես:
Իմ երգը սիրո հևք է,
Իմ երգը դադար չունի
Անդադար իմ սրտի պես:
Իմ երգը սիրո երգ է:
Սիրո պես մաքուր ու ջինջ,
Անսահման, անեզերք է...
1977, Կոճողոտ
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՂԵԴԻ
Մանկության այն անհոգ օրերին,
Ես` վտիտ ու անօգ մի մանուկ,
Շրջել եմ հանդերում մեր գյուղի,
Եվ ամեն ծառի տակ` անտառում,
Նստել եմ ու անվերջ երազել,
Գուրգուրել հույսերը իմ վառման,
Ծնվել են վառ հույզեր վարարուն`
Երազկոտ իմ հոգում մանկական:
...Անցել են օրերն այդ, էլ չկա
Այն մանուկը վտիտ ու անօգ,
Բայց կան դեռ հույսերը անրջած,
Ու կան դեռ հույզերը երազկոտ,
Որ փոխվել են հանգ ու վանկերի,
Եվ առած լույս թևեր երգերի`
Մեր գյուղի ծաղկաշատ հանդերից
Թռչում են դեպ անհայտ հեռուներ...
1978, Կոճողոտ
ԽԱՉՈՒՆՑ ԱՂԲՅՈՒՐԸ
Հայրս ասաց` Խաչունց աղբյո՜ւր, չէ՜, Խաչունց... ջրափո՜ս գրիր, տղա՜ս...
...Քանզի մոլուցքը անձնական շահի
Բերում է իր հետ բիրտ ժամանակներ,
Եվ ավերակված երազ-աշխարհիս
Խաչունց աղբյուրից ոչինչ չի պահել...
Անտառի եզրին մի աղբյուր կար ջինջ,
Որ խոխոջում էր անվերջ, ամեն օր,
Անցնող-դարձողին համբույր էր տալիս
Իր եդեմական, քնքուշ շուրթերով:
Եվ կարկաչում էր նա գիշեր ու զօր,
Ձայնում էր ծանոթ-անծանոթներին,
Նրա կարկաչին մանկուց եմ ծանոթ,
Մանկուց է տիրել նա իմ սիրտ-հևքին:
Դրա համար էլ որքան հեռացել,
Այնքան ավելի սիրել եմ նրան,
Ու իմ հոգու մեջ միշտ վառ եմ պահե
լ
Խաչունց աղբյուրի անունը պայծառ...
1977, Դիլիջան
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԲՆԱՆԿԱՐ
Կանա՜չ են հագել դաշտն, անտառը,
Բացվել են ծաղիկներն, ահա,
Մեղմ քամուց ճոճվո՜ւմ են ծառերը,
Սվսվում ձայներով հազար:
Զգում եմ ես նրանց ձայները
Իմ հոգու ամբողջ էությամբ...
Ինչքան թովի՜չ է այս գարունը,
Հոգեհմա է նա ինչքա՜ն:
Մեղմ քամուց ճոճվո՜ւմ են ծառերը,
Սվսվում ձայներով հազար,
Ծաղկե՜լ են անգամ մեր սարերը,
Եվ ուրույն գարուն է ամեն սար:
ՆՈՐԻՑ ԱՅՑԻ ԿԳՆԱՄ
Նորից կգամ հայրենի գյուղը իմ ծաղկուն,
Նորից այցի կգնամ Խաչունց աղբյուրին,
Խաչունց տափի արտերից հուշն է լոկ մնում,
Նորից այցի կգնամ ես Խաչունց տափին:
Ճրիգներեն աղբյուրից շա՜տ եմ ջուր խմել,
Շա՜տ եմ այցի գնացել ես Ցուրտ աղբյուրին,
Քամար-խութում, Մոշուտում ինչքա՜ն եմ եղել,
Ինչքա՜ն եմ ջուր խմել ես Խինա աղբյուրից:
Վաղուց է` չեմ այցելել Դնգդնգան ձորին,
Նրա անուշ... հառաչին կարոտել եմ ես,
Նորից այցի կգնամ ես Ղամշոտ ծովին,
Խաչերի սեռ, Վիտին սեռ` կարո՞տ մնամ ձեզ...
...Իմ հայրենի՜ անտառներ, զմրուխտե՜ դաշտեր,
Նորից այցի կգամ ձեզ` ինչ էլ որ լինի,
Երազներն եք իմ մաքուր, կարոտը լուսե,
Կգամ, հոգում իմ երբեք դուք չեք մոռացվի:
1977, Դիլիջան
ԼԵՌՆԵՐԸ ԽՈՆԱՐՀՎԵԼ ՉԳԻՏԵՆ
Լեռները չեն խոնարհվում,
Լեռները խոնարհվել չգիտեն:
Դարերով անվերջ կանգնել են այդպես
Ու ասես հսկում են
Աշխարհի անցուդարձը:
Իսկ աշխարհն ապրում է իր համար`
Անտեղյակ լեռների տագնապներին ու հոգսերին,
Խոհերին ու հույզերին...
ԳԱՐՈՒՆ
Գարո՜ւն է էլի,
Էլի գարո՜ւն:
Ձնհա՜լ է էլի:
Էլի առուն
Իր հին հանգերն է մտաբերել...
Շուրջը կանա՜չ է,
Կանչող ափե՜ր,
Ձնծաղիկների ճերմակ ծափե՜ր:
Ամոթխած հոնին ձորն է քշում
Դեղնակրակե նրբերանգնե՜ր:
Արագիլների վերադարձող
Երամների մեջ թախի՜ծ կա լուռ,
Երա՜զ կա,
Հո՜ւյզ կա,
Եվ հայրենի տան կարոտ ու սե՜ր...
Ձայնը գլուխն է գցում առուն,
Ափերի չորը փոխում թացի,
Ու թռչկոտում է, երգում, պարում,
Ունկնդրում ձմռան տխուր լացին:
...Էլի գարուն է:
Գնա՜մ էլի
Տնտղեմ ինձ ծանոթ կածան ու խութ,
Տեսնեմ` մի բա՞ն է մնացել դեռ
Իմ մանկությունից երազաշուրթ...
01.03.82, Մարտակերտ
ԱՆՑՆՈՒՄ Է ԿՅԱՆՔԸ...
Անցնում է կյանքը` հույզերով լեցուն,
Ու կանգ չի առնում երբեք, իմացի՜ր,
Սակայն վա՜յ նրան, ով ետ է մնում:
ՕՐՈՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ
Ծաղիկնե՜րը,
Մեղմ ու քնքուշ ծաղիկները,
Հեզանազ են, օրոր-շորոր,
Ու չորս-բոլոր
Բո՜ւյրն են իրենց լուռ տարածում:
Փոքրի՜կ-փոքրիկ քայլիկներով
Ես շրջում եմ ծաղկանոցում,
Ու շոյում եմ
Նրանց քնքուշ թերթիկները:
Իսկ նրանք լուռ օրորվում են,
Սվսվում են ու... լռում են:
Թախծում են լուռ
Ինչ-որ կորած անուրջների,
Անէացած
Ու հեռացած երազների՜ համար միայն:
Երազանքնե՜ր,
Դա՜ռն ու ուրա՜խ երազանքներ,
Ինչո՞ւ եք դուք այդպես տանջում
Դրախտային ծաղիկներին...
Իսկ ծաղիկները քնքշորեն
Գլխիկները օրորում են,
Թախծում, թախծում ու լռում են:
...Փոքրի՜կ-փոքրիկ քայլիկներով
Լուռ շրջում եմ ծաղկանոցում:
...Ծաղիկներին պատած ցավը
Ինչի՞ց է, որ ի՜նձ է խոցում...
04-05.08.77, Դիլիջան
ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ԵՍ ԷԼ...
-Ինչո՞ւ եմ ես էլ լույս աշխարհ եկել...
...Իսկ եթե դո՜ւք ինձ այս հարցով դիմեք`
Կարո՞ղ եմ, արդյոք, ձեզ պատասխանել:
ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ
Գարուն է հիմա իմ լեռնաշխարհում,
Բացվել են գարնան լույս ծաղիկները,
Ու նոր բուրմունքով բուրում է սերը...
Գնա՜նք, թափառենք դաշտ ու անտառում,
Հմայվենք գարնան լույս ծաղիկներով
Ու երգենք սիրով,
Երգենք սուրբ երգը` սիրո, վեհության,
Հավատարմության:
Գնա՜նք, սիրելի՜ս, կանաչ դաշտերը,
Թափառենք այնտեղ անհուն հուզմունքով,
Թափառենք սիրով,
Ու գգվենք, փարվենք մենք ծաղիկներին...
Դու է՜լ ծաղիկ ես,
Ես է՜լ ծաղիկ եմ,
Գնանք` մեզանով գեղեցկացնենք
Մեր լեռնաշխարհի ժպիտն ու փայլը...
1978, Կոճողոտ
ԿՅԱՆՔ, ՇԱՏ ԵՍ ՆՄԱՆ...
Կյա՛նք, շատ ես նման դու կարուսելի,
Ու պտտվում ես ճիշտ որ` նրա պես,
Մարդիկ բարձրանում, իջնում են էլի:
ՄԻ ՊԱՐԾԵՆԱ...
(Խորհուրդ)
Մի՜ պարծենա երբեք դու ձեռքբերածով...
Այլ` պարծեցիր... պահածո՜վ:
1982, Ստեփանակերտ
ԴԵՂԻՆ ԳՈՒՅՆ
Ես քեզ սիրո՜ւմ եմ, դեղի՜ն գույն,
Սիրում եմ այնպես,
Ինչպես առաջին իմ սերը,
Իմ երջանկությունն առաջին,
Ու կյանքում նրա մի անգամ միայն բացվելը...
Ես քեզ սիրո՜ւմ եմ, դեղի՜ն գույն:
Սիրում եմ այնպես,
Ինչպես իմ երազ-մանկության
Երազ օրերը...
Ես քեզ սիրո՜ւմ եմ, դեղի՜ն գույն...
Երբ-որ ձյուն է դրսում,
Երբ-որ ցուրտ է սաստիկ,
Ու... ծիծաղելի՜ նույնիսկ`
Գարնան մասին երգ գրելը,
Ես սիրում եմ մաքո՜ւր ու անապակ սիրով
Ձնծաղիկի հետ քո հայտնվելը...
... Ես քեզ սիրո՜ւմ եմ, դեղի՜ն գույն:
1980, Կոճողոտ
ԾԱՂԻԿՆԵՐՆ ԵՆ ՄԻՇՏ...
Ծաղիկներն են միշտ ինձ ուրախ պահում:
Ահա թե ինչու`
Ձմռանը ես միշտ տխուր եմ լինում...
1977, Դիլիջան
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Քայլում եմ հաճախ` խոհերով լռին,
Խոհերով լեցուն,
Թե ո՞նց է լինում ճանապարհների վերջալուսվելը,
Թե որտե՞ղ ծնվում,
Որտե՞ղ վերջանում,
Եվ ո՞նց է լինում,
Որ չեն մոլորվում ճանապարհները:
Քնում է քամի՜ն,
Քնում աշխա՜րհը,
Արև՜ն է քնում,
Հոգնում են նույնիսկ
Ու քնում անգամ հորիզոնները,
Ոչ հոգնել գիտեն,
Ոչ վերջ ու վախճան,
Գնում են, գնում,
Չեն քնում միայն ճանապարհները:
...Արյո՜ւն է եղել,
Հրդե՜հ,
Կոտորա՜ծ,
Մա՜հ,
Ավե՜ր,
Թալա՜ն:
Հրդեհվել, վառվել ու ավերվել են հայոց դարերը,
Ավերակներից հառնել են նորից փյունիկի նման
Ու դարեր ապրել ճանապարհները:
...Ծնվո՜ւմ են մեզ հետ,
Մեր երազներով թև՜ առնում, թռչում,
Քայլո՜ւմ են մեզ հետ,
Երբ որ կանչում են լո՜ւրթ հեռուները,
Մեզ հետ չե՜ ն... մեռնում,
Ամեն նորի հետ ծնվում նորից-նոր,
Նորի՜ց են ձգվում ճանապարհները...
29.04.82, Մարտակերտ
ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀԸ...
Անտառի նկատմամբ առանձնակի վերաբերմունք ուներ հայրս: Անտառապաշտի այդ սերը նաև ինձ փոխանցվեց, բայց` այլ բնույթով. իմ առաջին բանաստեղծություններում հաճախ նաև անտառի ձայնն էր լսվում: Ես այն ժամանակ (նույնիսկ շատ տարիներ հետո էլ) չէի հասկանում, թե իսկապես «անտառի ձայնից ինչու եմ հուզվում»: Միայն հորս մահից հետո, միայն բոլորովին վերջերս կարողացա ըմբռնել այդ հարցի իմաստը. անտառից հորս ձա՜յնն է լսվում... 2003 թվական, ամառ Սիրասուն հորս` Արսեն Գրիգորյանին, մշտամորմոք ցավով
Ա
Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում,
Մերթ վանում, մերթ էլ... գագաթ է հանում:
Մերթ ծունկը ծալում, ուր էլ պատահի,
Պատեհ-անպատեհ, կամ` հարմար պահի:
Մերթ էլ` ծունր իջնում խաչքարի առաջ,
Տեսած` և՜ կարոտ, և՜ ցավ, և՜ հառաչ:
Տեսած` կոտորած, ավերված... դարեր,
Ու սրի քաշված սրբոց-սուրբ քարեր:
Բ
Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում,
Ի՞նչ է ինձանից քամին գողանում:
Եվ ո՞վ է այնպես անհույս կանչո՜ւմ ինձ
Այն եդեմական, զմրուխտ անտառից:
Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում,
Եվ ի՞նչ է անտառն ինձանից ուզում...
Գ
Այս ճանապարհը ինձ ո՞ւր է տանում.
Դեպի խաչքարն է անաղմուկ գնում:
Գնում, չոքում է լուռ ու անհառաչ,
Ասես խաչքարն այդ դարերը ուսած`
Ինչ-որ ժամանակ ինքն է հենց բերել,
Բերել ու լեռան գագաթն է հանել:
Գագաթից ձորն է նա իջել նորից,
Երևո՞ւմ է դեռ խաչքարը ձորից:
Խաչքարը, պարզ է, չի երևացել,
Գագաթ է նորից ճամփան բարձրացել:
Ու այդպես` անվերջ... Ոչ հոգնում է նա,
Որ ինքն էլ գոնե քիչ հանգստանա,
Ոչ էլ քունն է մոտ գալիս աչքերին,
(Անխիղճ է բախտը ճանապարհների)...
Դ
Տա՜ր ինձ, ճանապա՜րհ, անտառ ու դաշտին,
Կարոտս տանեմ անտառապաշտին:
Քայլեմ անտառի կածանով շաղոտ,
Լսեմ կաքավի «շաղ-կղա»-ն կարոտ:
Անուշ խոխոջի աղբյուրը լեռան,
Կոտրեմ ծարավս համբույրով նրա:
Կախարդվեմ ձայնից Խաչունց աղբյուրի,
Թողնեմ, որ նա իմ... շուրթը համբուրի:
Մոռանամ մի պահ աշխարհ ու... մարդիկ,
Մարդկային բարքեր` կեղծավոր ու... լիրբ:
Ե
Անտա՜ռ իմ, մի՞թե ես հանցավոր եմ,
Իմ հանցանքն այն է, որ... անցավոր եմ:
Իմ հանցանքն այն է, որ դարավոր չեմ,
Որ քեզ պես, անտա՜ռ, հազարավոր չեմ:
Մե՜կ եմ, միայնա՜կ, մենավո՜ր, մենա՜կ,
Ինքս իմ հոգսին, ինքս ինձ հենակ...
07.08.82, Կոճողոտ
ՄԻՆԱ ՄԱՅՐԻԿԸ
Մինա մայրիկի և Երկրորդ աշխարհամարտում զոհված նրա հինգ զավակների` Ներսես, Գեդեոն, Լևոն, Սուրեն և Անդրանիկ Դանիելյանների պայծառ հիշատակին
Մինա մայրիկի հինգ զավակները
Կռիվ գնացին ու էլ ետ չեկան:
Նրանց փոխարեն գյուղ վերադարձան
Լոկ... «սև» թղթերը:
Դանդաղ խաչվեցին
Մինա մայրիկի անհույս ձեռքերը:
Մինա մայրիկը լռին սև հագավ
Եվ արտասուքից սմքած աչքերով
Սգաց կորուստը իր զավակների:
...Մինա մայրիկն իր խաչված ձեռքերով
Մի խաչ է դրել
Աշխարհի բոլոր պատերազմներին,
Որ էլ աշխարհում արյուն ու ավեր,
Դավեր չլինեն:
09.05.78, Դիլիջան
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Թեժ մարտում զոհված
Խիզախ զինվորի գերեզմանի մոտ
Ամեն գարնան հետ
Մեղմիկ ժպտում են ձնծաղիկները:
Երկու քայլ ներքև`
Առվի եզերքին,
Սգվոր մոր նման
Լուռ արտասվում են ուռենիները:
Իսկ որդիները ծաղիկ են դնում
Քաջաբար զոհված գերեզմանին հոր,
Ու երդվում`
Ինչ էլ պատահի կյանքում,
Քայլել միմիայն հոր ճանապարհով...
09.05.78, Մարտակերտ
ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Պատմությունը, ի՛մ ժողովուրդ, քեզ շատ ցավ է պատճառել,
Քո դարավոր պատմության մեջ մի՞թե լավ օր չես տեսել:
Ոսոխներդ շատ են եղել, բարեկամներդ` սակավ,
Սակայն այր ես եղել դու մեծ, կռվի դաշտում` Ավարայր:
Այլադավան ցեղերն եկան, հոխորտացին ու անցան,-
Կանգուն են դեռ լեռներդ վես` ինչպես փառքի հուշարձան:
Հսկել են միշտ լուրթ երկնքից նրանք խաղաղ նիրհը քո,
Թե թշնամին մոտեցել է քո սահմանին գողեգող:
Թնդացել են ողջ էությամբ, զենքի կոչել ամենքին,
Որ հանգիստ ու խաղաղ ապրի իր մայր հողում հայորդին:
...Բայց, դե, դեպի հյուսիս ես դու մեկ-մեկ նայել անխռով,
Եվ օգնություն ակնկալել, ազատություն ու կորով:
Ու միշտ քո մեջ ուժ ես գտել ինքդ խոչը քո հարթել,
Ինքդ փրկել տունդ ցավից և թշնամուն քո հաղթել...
1980, Մարտակերտ
ՀԱՅԱՍՏԱՆ
Ի՜նչ ես եղել առաջ,
Ի՜նչ ես դարձել հիմա:
...Ու երբ ընթերցո՜ւմ եմ
Պատմությունդ կրկին`
Զարմանո՜ւմ եմ,
Իրա՜վ...
1980, Կոճողոտ
ՇԻՐԱԶԱԿԱՆ
1
Հեռվում է, Շիրա՜զ, քո մուրազի Մասիսը,
Հեռվից քեզ տենչում է, կանչում է Մասիսը,
Թախծում ես դու մենակ, տխուր ես, և, գիտե՞ս,
Ա՜խ, հեռվում տխուր է ու... լո՜ւռ է Մասիսը:
2
Գտնեի՜ ճշմարիտ ու վեհ այն հնարը,
Մտնեի՜, Շիրա՜զ, քո սիրո սուրբ աշխարհը...
...Երգերով հոգեթով, վերքերով անամոք`
Լցրել ես աշխարհն ու քո... «Սիրո քնարը»:
1977, Դիլիջան
ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Ասում են, թե բանաստեղծը
Մեն մի կյանքով չի ապրում,
Նա ապրում է հազար կյանքով,
Հազարի պես` մի կյանքում:
Նա ապրում է աշխարհի հետ,
Որ կյանքից ետ չմնա,
Եվ այս կյանքում դրա համար
Միշտ անմա՜հ է մնում նա...
1977, Դիլիջան
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հազա՜ր-հազար երգերում
Ապրում ես դու, վարպե՜տ ջան,
Ապրում է քո հանճարը,
Քո քանքարը, վարպե՜տ ջան:
Ի՞նչ կլիներ` մնայիր
Դու մշտապես, հավիտյան,
Որ իմ հոգում էլ երբեք
Մուժ չլիներ տխրության...
1977, Դիլիջան
ԽՈՐՀՈՒՄ ԵՍ...
Մի կյանքը շատ քիչ է մարդուն... Հռիփսիմե ՊՈՂՈՍՅԱՆ
Խորհո՜ւմ ես, խորհո՜ւմ ես անլուր.
«Մի կյանքը շատ քի՜չ է մարդուն»:
Իզո՜ւր ես այդպես բորբոքվում`
Մի կյանքն է՜լ հերիք է մարդուն:
Միայն թե մարդո՜ւ պես ապրի
Ու կյանքն իր չվատնի իզուր,
Դու իզուր էլ մի՜ բողոքիր:
Մի կյանքն է՜լ հերիք է մարդուն:
1977, Դիլիջան
ՖԻՐԴՈՒՍՈՒՆ
Ո՜չ, չե՜մ մեռնի թեկուզ անցնեն դար ու դարեր անքանակ, Զի պտղաբեր խոսքի սերմեր ես ցանեցի երկնի տակ... ՖԻՐԴՈՒՍԻ
Դու ասում ես.
- Չեմ մեռնելու` թեկուզ անցնեն դար-դարեր,
Զի ցանել եմ ես երկնի տակ
խոսքի սերմեր պտղաբեր...
...Թեկուզ անցնեն դար ու դարեր`
քո անունը կհիշեն,
Քո անունը, քո երգերը դարերի մեջ կհնչեն,
«Շահնամե»-ով դու ապրել ես
և դեռ կապրես շատ դարեր...
1977, Դիլիջան
ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉԸ
Բազմավաստակ մանկավարժ Գուրգեն ԴԱՎԹՅԱՆԻՆ
Ուսուցիչ էր նա հայրենի գյուղում:
Ուսուցանում էր երեխաներին,
Թե ոնց պիտ սիրել
Հողն ու հայրենին:
... Սև ծովի ափին արկի շառա՜չ էր,
Գնդա՜կ էր, ճի՜չ էր Սև ծովի ափին:
Սև ծովի ափին արյուն-կրա՜կ էր,
Երկաթե կարկո՜ւտ... անարգ` թշնամի՜ն...
Ու մարտնչո՜ւմ էր Սև ծովի ափին:
Բայց մի առավոտ, թեժ մարտում, հանկարծ...
Վիրավորվել է: 44-ն էր:
Բեռլին չհասած`
Հաղթել էր արդեն նա ոսոխներին
Ու հաղթանակով տուն վերադարձել...
...Ուսուցիչ էր նա հայրենի գյուղում,
Ուսուցանում էր լավը և բարին...
1980, Մարտակերտ
ՆՈՐԻՑ ԼԵՌՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ...
...Նորից լեռներ են ծնվում:
Ավա՜ղ, լեռնե՜ր են գնում
Նորից աշխարհից:
21.03.82, Ստեփանակերտ
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄՏՈՐՈՒՄ
Խորհրդային բանակի շարքերից զորացրվելուց հետո
Հանդիպողները սեղմում են ձեռքս
Ու շշնջում են.
- Բարո՜վ ես եկել...
Մի՞թե իսկապես... «բարով եմ եկել»...
Չէ՞ որ հյուրի՜ն են
«Բարով ես եկել» խոսքերով դիմում,
Իսկ ե՞ս... Ես հյուր չեմ, ես տուն եմ եկել:
Կարոտո՜վ,
Սրտի դողո՜վ եմ եկել
Նորից փարվելու իմ հանդ ու սարին:
Ու թող ինձ չասե՜ն բարով ես եկել...
...Բայց հանդիպում են, սեղմում են ձեռքս
Ու... շշնջում են.
- Բարո՜վ ես եկել...
29.05.80, Կոճողոտ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է...
Բանաստեղծությունն իմ էությունն է,
Ես առանց դրա` չեմ կարող ապրել,
Սա է իմ միակ խոստովանությունը:
ԻՆՉՔԱՆ ԴԺՎԱՐ Է...
Ինչքա՜ն դժվար է լավ երգը գրվում`
Չգիտեի՞ ես...
23.04.82, Մարտակերտ
ԿԱՐՈՏ
Սոցիալիստական աշխատանքի հերոս, խաղողագործուհի Լենա ՋԱՎԱԴՅԱՆԻ հիշատակին
Խաղողայգում լույսը բացվել,
Խաղողայգին քեզ երազել
Կարոտով անքուն,
Եկել` վազի կանաչ կանչով
Ու ողկույզի լույս ճաճանչով
Ձուլվել ես այգուն:
Գարնան հևքին, ձմռան ցրտին,
Սիրտդ տված վազի սրտին`
Հողը փայփայել,
Ու անարատ քո քրտինքով,
Ողկույզների լույս-ստինքով
Կա՜մք ես արարել:
...Կյանքդ համակ տառապանք էր,
Տանը, այգում` լուռ տքնանք էր,
Մաքո՜ւր էր ու... հին:
Վաղուց է` ինչ էլ այգում չես,
Բայց վազերը հիշում են քեզ`
Քուն` թե արթմնի:
1981, Մարտակերտ
ԱՇՈՒՆ
Հիմա աշուն է,
Ծառերը հիմա ներկվել են կարմիր ու դեղին:
Մաղում է բարակ անձրև
Ու փչում սառը քամի:
Փողոցով անցնելիս
Արդեն զգացվում է արևի պակասը,
Եվ... ուզես-չուզես`
Սկսում ես հարմարվել վերարկուին:
Իսկ հովանո՜ցը...
Ես չեմ սիրում վերարկու հագնել:
Ես սիրում եմ աշնանային սառն օդը,
Մեղմ ու բարակ անձրևը:
Հիմա աշուն է:
Ծառերը հիմա ներկվել են կարմիր ու դեղին:
Փողոցի միակ տնօրենը քամին է արդեն:
Նա ջանում է մերկացնել ծառերին,
Ու մեկ-մեկ թափվում են տերևները
Մայթերի վրա,
Իսկ անցորդներն անխնա կոխկրտում են,
Եվ ուզում ես ճչալ փողոցով մեկ.
- Մի՜ կոխկրտեք, մե՜ղք են տերևները...
Բայց լսողն ո՞վ է,
Մարդիկ շտապում են,
Ամեն մեկն իր գործն ունի:
Քամին էլ է շտապում:
Նա աշխատում է «Մինչև ձմռան գալը`
Ո՜չ մի տերև ծառերի վրա» նշանաբանով:
...Լա՜վ, թող թափվե՜ն տերևները,
Միայն թե ձմեռը շուտ գա...
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ
Ձմեռը, թեև` դժվարությամբ,
Բայց, այնուամենայնիվ, զիջեց դիրքերը:
Գարնան առաջին օրերը դեռևս պահպանում էին
Ձմռան սառնաշունչ օդը, բայց հետզհետե
Սկսեցին տաքանալ:
Գարնան շունչն զգացվեց անմիջապես,
Եվ հողն ուռչեց ուրախությունից, կանաչեց:
Գարնանային արևի առաջին ջերմ շողերից
Սիրախաբ եղան ծաղիկներն ու գարնան այգին լցվեց
Կարմրավուն ու ճերմակաթույր երանգներով:
Գարնանային արևի շողերով գերված
Ու գեղեցիկ ծաղիկներով պճնավորված ծառերն
Ասես հրճվում էին անափ ուրախությունից:
Գեղեցիկ է գարունը, բայց երբ բնությունը
Հերթական անակնկալն է մատուցում`
Ծառերը կրկին զգաստանում են, ընդդիմանում,
Ու հերթական անգամ իրենց անզոր ըմբոստությամբ
Ծառանում բնության արհավիրքների դեմ,
Թեև շատ անգամ` անօգուտ ու անիմաստ:
Այս անգամ էլ բնությունն իր հերթական
Ապրիլմեկյան դառն կատակով փորձեց սաստել
Գարնան արևի ջերմ շողերի տակ հրճվող
Ծառ ու ծաղկունքին:
Սարերին փռված ճերմակ սավանը կամաց-կամաց
Սահեց դեպի կանաչին տվող մարգագետիններն ու
Արձակ դաշտերը,
Գարնան ծաղիկներով զուգված այգիները:
Բոլոր գույներն իսկույն խառնվեցին ճերմակի մեջ,
Բայց չկորան լիովին`
Ճերմակասավան մարգագետինները
Տեղ-տեղ կանաչին էին տալիս դեռ:
Իսկ ծառերի`
Ձյան ծանր շերտի տակ ճկված ճյուղերի վրա
Դեռևս ծիկրակում էին
Դեղնակարմրավուն ծաղիկները, որոնք, սակայն
Անհաղորդ մնացին գիշերային ահազարհուր
Փորձությանը:
Գարնան գույների մեջ չնշմարվող սևը նույնպես
Եկավ խառնվելու ձյունաթույր ճերմակին,
Եվ դժգունացրեց ավելի:
Սև շղարշի ներքո
Գիշերային սառնամանիքը
Դաժան հաշվեհարդար տեսավ
Դեռևս թույլ ու տկար ծաղիկների հետ:
Առավոտյան կրկին պարտվեց գիշերն ու
Մեկդի քաշվեց:
Բայց գեղեցկաբույր ծաղիկները
Դժգունացել էին արդեն ու անզոր կախվել
Ծառերի ճյուղերից: Ապրիլյան արևի
Ջերմ շողերն այլևս անզոր էին
Վերակենդանացնել նրանց: Արևն ավելի ու ավելի
Տաքացավ, բայց մեռած ծաղիկներն
Այլևս չէին կարող շնչել:
...Սակայն ոչ բոլոր ծաղկաբողբոջներն էին
Զոհ գնացել գարնան ձմեռաշունչ խաբկանքին:
Եվ բացվեցին այդ բողբոջներն ու իրենց
Գեղեցկությամբ պարուրեցին շրջապատը:
Նաև` մեռած ծաղիկների փոխարեն...
ԴՈՒ ՏԱՐՎՈՒՄ ԵՍ...
Դու տարվում ես ունայն... ոսկով,
Իսկ ես` ոսկի խոսքով...
ԱՆՁՐԵՎԸ
Ես երբեք
Անձրևին այսքան մոտ չէի կանգնել:
Արևն ասես կուլ էր գնացել
Հեքիաթի յոթգլխանի հրեշի կոկորդում,
Իսկ ամպերն ամուր գրկել են երկնակամարը
Եվ... ականջ են ծակում:
Տխուր ձայնակցում է անձրևն ամպերին,
Տխուր,
Ու զգում եմ նրա թախծոտ երգի
Մեղմ ելևէջումները,
Համբույրները` քնքուշ ու ցողաթաց:
Ես երբեք
Անձրևին այսքան մոտ չէի կանգնել:
Եվ հիմա, երբ այսքան մոտ եմ անձրևին,
Չգիտեմ ինչու` ակամա մտածում եմ արևի
Եվ արևոտ օրերի մասին,
Որոնք եղել են իմ կյանքում,
Կան ու կլինեն դեռ:
...Իմ կյանքի բոլոր արևոտ օրերը:
15.05.82, Ստեփանակերտ
ԵՍ ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ ԵՄ...
Ես նորից քեզ հետ եմ, քո գրկում,
Ու նորից... հեռու եմ քեզնից...
02.01.81, Ստեփանակերտ
ՈՐՈՆՈՒՄ
Խաչատուր ԱԲՈՎՅԱՆԻՆ
Ես Քանաքեռում քայլում եմ կրկին`
Ուր ծնվել ես դու,
Եվ իմ տագնապոտ, վիրավոր հոգին
Քեզ է որոնում:
Հուշիկ քայլերով, մոլոր ու հանգիստ`
Երեկոն կամաց իջնում է`
Ծածկում տներ ու փողոց:
Եվ մթության մեջ
Քեզ որոնող իմ աչքերին հանկարծ
Կանչում է մի լույս
Ու քայլում եմ ես լույսին ընդառաջ`
Մթնած փողոցով,
Ուր քայլել ես դու ինչ-որ ժամանակ,
Ինչ-որ մեկի հետ,
Որ գուցե... Պարրոտ ազգանունն ուներ:
Քայլում եմ այսպես լույսին ընդառաջ,
Լույսի հետքերով
Ու գտնում եմ քեզ.
Դու կանգնել ես լուռ, մեն-մենակ, դրսում,
Ու թվում է` քո տուն-թանգարանի
Անդորրն ես հսկում...
20.11.84, Ստեփանակերտ
ԻՆՉ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ...
Ի՜նչ են ցանկանում բանաստեղծները
Կյանքից այս,
Գուցե լոկ երազում են,
Որ... գոնե կարդա՞ն իրենց երգերը...
1982, Ստեփանակերտ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, գամարջոբա, ամխանագո Վրաստան,
Արցախական իմ լեռներից հյուր եմ եկել ես հիմա:
Եկել եմ, որ եղբայրության երգեր հյուսենք միասին,
Իրար պատմենք հույզերը մեր, իրար պատմենք մեր մասին:
Եկել եմ, որ շրջեմ նորից հին Թիֆլիսի թաղերով,
Սայաթ-Նովի խաղով լցված` շրջեմ սիրո բաղերով:
Հրաշք լիներ, ծնվեր նորից մեր երգերի մեծ արքան,
Վերածնված իր Թիֆլիսով, Երևանով հիանար:
Եվ հյուսեր իր նոր երգերը ճշմարտության ու լույսի,
Ի հակադիր իր այն դարի մութուլուսի, մշուշի:
Հրաշք լիներ` Աբովյանի Աղասուն ես տեսնեի,
Ու նրա հետ «Վերքի...» դիմաց մեր նոր «Երգը...» հյուսեի:
Հանդիպեի մեր Գաբրիել Սունդուկյանին հանճարեղ,
(Ո՜նց կուզեի Պեպոյի հետ մի օր սրտանց զրուցել):
Սրտի դողով, բայց մեծ հույսով մտնեի ես Վերնատուն,
Հանդիպեի Լևոն Շանթին, Թումանյանին մեծանուն:
Իսահակյանն ու Դեմիրճյանն ինձ կյանքի մեծ դաս տային,
Ու մնայի նրանց դասին` ես` մշտական ունկնդիր:
Հրաշք լիներ ու շրջելիս փողոցներով Թիֆլիսի,
Դեմս ելներ Շիրվանզադեն` իր հայացքով արծվենի:
Դեմս ելներ Մարզպետունին` Մուրացանին թևանցուկ,
Ողջունեի` լուռ թախծելով նրա մահը վաղանցուկ:
Հրաշք լիներ ու շրջելով Հավլաբարի թաղում հին,
Զրուցեի «նեղ օրերից»՝ Նար-Դոսի հետ մտերիմ:
Ամխանագո՜ Սաքարթվելո, իմ սրտակի՜ց, իմ եղբա՜յր,
Քո Ակակի Ծերեթելին ապրում է իմ սրտում հար:
Միշտ հիշում եմ ես կարոտով և անկաշառ սիրով հին`
Ռուսթավելուն, Տաբիձեին, Դումբաձեին, Մորիսին...
Արցախական իմ աշխարհից հյուր եմ եկել ահա ես,
Որ պատմեմ քեզ իմ երազը, սիրող սիրտս բացեմ քեզ:
Եկել եմ, որ ապրեմ նորից քո նոր օրով, նոր կյանքով,
Ձուլվեմ քեզ հետ, քո աշխարհին` քո ծիծաղով, քո ծափով:
Ու մեր այս նոր հանդիպմանը` որպես նվեր, բարի իղձ`
Ընդունիր իմ այս տողերը քո սոմեխի եղբորից...
19.05.82, Թբիլիսի
ՄԱՂԹԱՆՔ
Պարգև Աղաբեկյանին` ուսանողական ընկերոջս
Իմ սիրելի ընկեր Պարգև, իմ բարեկամ պաշտելի,
Ես քեզ գի՜րք եմ նվեր բերում քո հարսանյաց հանդեսին:
Թեկուզ գանձ չէ նվերը իմ, բայց սիրով եմ ընծայում,
(Դե, նվերը նվեր է միշտ` լավ ու վատ չեն հարցնում):
Երջանկության, անկեղծ սիրո խորհուրդ որպես այն պահիր,
Քանզի գիրքն էլ սուրբ է` ինչպես հացն ու աղը սեղանի:
Եվ երջանիկ են աշխարհում, ովքեր ապրում են, սիրում,
Ու առիթով կամ անառիթ` իրար գիրք են նվիրում:
...Թող քո սերն էլ նվերիս պես մի լուսավոր գիրք լինի:
Բարի՜ հիշիր ընկերոջդ:
- Միշտ քո` Արիս ԱՐՍԵՆԻ...
- Միշտ քո` Արիս ԱՐՍԵՆԻ...
01.04.83, Ստեփանակերտ-Քերթ
ՊԱՏԳԱՄ
Երգե՜ր իմ, այնպե՜ս ճախրեք աշխարհում,
Որ ձեր հույզերով,
Ձեր կրակներով
Դուք ջերմացնե՜ք սրտերը սառած...
Երբ լռել է պետք`
Մի՜ խոսեք, լռե՜ք:
Երբ խոսել է պետք`
Էլ մի՜ հապաղեք:
Թևել է թե պետք,
Հասկանալի է,
Պատրաստ եք նաև թև ու թռիչքի:
Գուցե հեռավոր ճանապարհներին
Ձեզ է կարոտում` աչքը ձեր դարձին,
Մի չմոռացվո՜ղ, քնքո՜ւշ երազանք:
Դուք պետք է նրա թախիծը վանեք
Ու պատմեք նրան իմ մասին, երգե՜ր,
Իմ հոգուց ծնված,
Իմ հոգու խինդով սնվա՜ծ, թև՜ առած
Կարոտ ու կանչե՜ր...
1978, Մարտակերտ
ՎԵՐՋԵՐԳ
Լույսը բացվում է,
Վե՜ր կենամ, գնա՜մ:
Դեռ երկար ճամփա՜ ունեմ գնալու:
Ես կարո՜տ ունեմ,
Սե՜ր ունեմ անհուն,
Ես խոհե՜ր ունեմ աշխարհին տալու...
Լույսը բացվում է...
Գնամ ու սիրտս բացե՜մ աշխարհին,
Մարդկանց նվիրեմ իմ ապրումնե՜րը,
Կարո՜տը, սե՜րը,
Նրանց նվիրեմ և՜ երազ, և՜ հույզ,
Հո՜ւյս տամ անհույսին,
Անօգին օգնե՜մ:
Ջո՜ւր դառնամ ճամփիդ, հայրենի իմ տուն,
Հո՜ղդ ոռոգեմ...
...Լույսը բացվում է:
Վե՜ր կենամ,
Գնա՜մ...
31.10.81, Մարտակերտ
Ես չեմ մոռացել
ՆԱԽԵՐԳ-ԸՆԾԱՅԱԿԱՆ` «ԳԱԼԻՔԻՑ»
Թող երգերն այս նվիրեմ քեզ,
Իմ սիրասո՜ւն, իմ սիրա՜ծ,
Ու սրտիս փակ դռները ես
Կրկին բացեմ քո առաջ:
Գուցե կարդաս` հուզվես մի քիչ,
Կրծքիդ սեղմես կարոտած,
Իսկ ես` իմ այս անտես հեռվից
Մեղմ ու անուշ քեզ... ժպտա՜մ:
...Հեռավո՜րս, ինչո՞ւ, ասա,
Հոգս դարձար ինձ ցավակեզ...
Դե` ես մենակ չմնացի,
Չմոռացա բայցև քեզ:
Տարիքս ինչքան առաջանում`
Հարբում եմ քո... «հին գինուց»...
Քեզ կարոտիս ցավն է ջանում
Պահել, փայել ինչպես լույս...
ԱՍՈՒՄ ԵՆ...
Ասում են, թե աղջիկները ծաղիկներ են,
Ծաղիկների նման սիրել-բուրել գիտեն:
Սակայն ինչո՞ւ դու էլ նրանց նման չէիր,
Մի՞թե դու էլ ծաղկային սեր-սիրտ չունեիր...
Ինչո՞ւ նրա՜ երեխային բարուրեցիր,
Ինչի՞ համար ինձ տխրությամբ պարուրեցիր:
1977, Դիլիջան
ՔԱՂՑՐ ՀՈՒՇ
Մի աղջի՜կ էր նա...
Կապույտ աչքերով մի աղջի՜կ էր նա...
Սևսաթ վարսերով մի աղջի՜կ էր նա...
Սևսաթ վարսերը թափել ուսերին`
Ջրվեժ էր ասես, հրդե՜հ բռնկված:
...Ասում են` սերը գարնանն է ծնվում,
Աշնանը սեր չի լինում, ասում են:
Ճշմարտությո՞ւն է դա, թե՞...
Չգիտեմ:
Աշնանը ծնվեց մեր սերը սակայն:
Աշնան հազարգույն
Ու հազարերանգ զուգսերում
Կանա՜չ մնաց սերը մեր,
Ինչպես անտառի կանաչությունը`
Անմեղ, կուսական:
Կանաչ էր մեր սերն` աշուն էր սակայն...
Մի աղջի՜կ էր նա...
Կապույտ աչքերով մի աղջի՜կ էր նա...
Սևսաթ վարսերով մի աղջի՜կ էր նա...
Աշունը սևսաթ վարսերի մասին
Տխուր հուշ թողեց,
Թե սեր չի լինում աշնանը,
Ինչո՞ւ...
Ինչո՞ւ է սերը գարնանը ծնվում...
26.10.81, Մարտակերտ
Ո՞ՒՐ ԵՆ ԻՄ ՍԻՐՈ...
Ո՞ւր են իմ սիրո երազ-օրերը,
Արդյոք ես նրանց որտե՞ղ եմ թողել,
Անցե՞լ են... Հանգիստ չեն տալիս հուշերը...
ՔՈ ԱՉՔԵՐԸ
Քո աչքերը առանց կրակ ինձ վառո՜ւմ են,
Մոխրանո՜ւմ եմ,
Ու... աշխարհից վերանո՜ւմ եմ:
Բայց և` լույս են սփռում ճամփիս,
Որ մթան մեջ չմոլորվեմ,
Ու չփնտրեմ... ուրիշների`
Իմ գտածը դու լինես լոկ:
...Բայց երա՜զ են, ա՜խ, ինձ համար
Քո աչքերը,
Անհա՜ս երազ,
Ու չգիտեմ` ինչպե՞ս հայտնել քեզ հույզերս,
Ապրումնե՜րս,
- Երազնե՜րս...
- Երազնե՜րս...
26.03.77, Դիլիջան
ԱՐԻ ԿԱՄԱ՜Ց ՔԱՅԼԵՆՔ...
Արի կամա՜ց քայլենք,
Թող երկարի՜ ճամփան,
Շատ բան ասենք իրար,
Շատ բան լսենք:
Ու թող կողքանց նայեմ,
Որ գծերը դեմքիդ
Մարմնավորվեն իմ մեջ,
Իմ մեջ... ապրեն:
1981, Մարտակերտ
ԿԱՆԳՆԵԻ ՔՈ ԴԵՄ...
Կանգնեի քո դեմ ու իմ սերը
Ես քեզ լռությա՜մբ խոստովանեի...
(Բառերն ի՜նչ են որ):
ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ԱՌԱՆՑ ՔԵԶ
Երբ քեզ հետ եմ ես`
Ամեն ինչ այնպե՜ս ջինջ է թվում ինձ
Ու երազ անբիծ...
Երբ քեզ հետ եմ ես`
Կարծես ամեն ինչ
(Այս ծով աշխարհը իր ծով էությամբ)
Ինձ են նվիրել...
Բայց երբ ինձանից հեռո՜ւ ես լինում,
Թեկուզ հազարնե՜ր լինեն իմ կողքին`
Առանց քեզ ինձ միշտ մենակ եմ զգում:
Առանց քեզ կյանքում ես ոչինչ չունեմ:
Բայց մի՞թե ոչինչ ես չեմ ունեցել
Քեզանից առաջ...
1977, Դիլիջան
ՊԱՏԱՍԽԱՆ
-Ի՞նչ կլինի,-
Ասում ես,-ինձ
Մի երգ ձոնես լուսե...
-Ոչ թե մի երգ,
Այլ մի լույս կյա՜նք
Քեզ կձոնեմ, իմ սե՜ր...
1978, Կոճողոտ
ՎԵՐՀՈՒՇ
Դու հիշո՞ւմ ես, որ երկուսով
Իջանք ձորի աղբյուրը...
Ջո՜ւր խմեցի քո կուլայից
Եվ զգացի քո բո՜ւյրը:
Ես խնդրեցի, սակայն դու ինձ
Չտվիր քո համբույրը:
... Դու ի՜մ սիրտը պղտորեցիր,
Իսկ քո կուլան` աղբյուրը:
1978, Կոճողոտ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ...
Առաջին անգամ, երբ քեզ տեսա՜ ես`
Դու ամբողջովին մտար սի՜րտը իմ,
Կուզեի անվերջ, անվերջ սիրել քեզ,
Ու քե՜զ նվիրվել ես ամբողջովին:
Բայց ահա մո՜տ է բաժանումը մեր.
Չենք տեսնի կյանքում այլևս իրար,
Ուզում եմ անվերջ, անվերջ քե՜զ նայել,
Որ էլ մոռանա՜լ չկարողանամ...
1977, Դիլիջան
ՇԱ՜Տ ՄԱՆ ԱՐԻ...
Շա՜տ ման արի ու ինձ տես,
Միշտ մտածիր քեզ ու քեզ,
Որ դու իմն ես, ես` քոնը,
Որ սիրում եմ միայն քե՜զ:
1977, Դիլիջան
ՉԷ ՈՐ ԵՍ ՔԵԶ...
Չէ որ ես քեզ սիրում էի
Սիրով մի անմար,
Քեզ ասացի` մի՜ հեռացիր,
Ինչո՞ւ հեռացար:
Ու մնացի տխուր, մոլոր`
Իմ կյանքի ճամփին,
Սպասելով միշտ, ամեն օր`
Քո վերադարձին:
...Ինձ մոռացե՞լ, թե հիշում ես`
Ես դա չգիտեմ,
Բայց իմ հոգով, ինձ լսո՞ւմ ես,
Ես միշտ քեզ հետ եմ:
1977, Դիլիջան
ԵՍ ԳԻՏԵՄ...
Ես գիտեմ, աշխարհում կլինի և մի օր,
Որ ես էլ չեմ լինի աշխարհում,
Բայց էլի կերգի այն առվակը ամեն օր,
Որ մեղմիկ երգում է ձորակում:
Եվ նորից լեռները ծաղկունքով կզուգվեն,
Ու կյանքը կհոսի իր հունով,
Բայց, ասա՜, սիրելիս, իմ մասին կխորհե՞ս,
Կհիշե՞ս իմ մասին դու արդյոք:
Դո՜ւ գիտես, ոնց կուզես, բնավ չե՜մ առարկում,
Մոռացիր, կամ հիշիր, ոնց կուզես,
Մոռանալ քե՞զ, գիտե՞ս, քանի կամ աշխարհում`
Մոռանալ չեմ կարող երբեք քեզ...
1977, Մարտակերտ
ԿԳՆԱ՜Մ...
Կգնա՜մ,
Կգնա՜մ,
Կմնաս դու մենակ,
Կթախծե՞ս, կտխրե՞ս`
Չգիտեմ...
Եվ զուր ես
Դու այդպես համառում, որ գնամ`
Չե՜մ մնա...
Կգնամ,
Բայց հավետ կմնաս իմ հոգում,
Փույթ չէ, որ քեզ համար... ոչինչ եմ,
Փույթ չէ, որ կյանքում ինձ
Էլ երբեք չես հիշի,
Սակայն ես կսիրեմ քեզ անվերջ,
Եվ սակայն... կգնա՜մ...
1977, Դիլիջան
ԴՈՒ ԵԿԱ՞Ր...
Դու եկա՞ր...
Իմ ծով սրտի ծով կարոտով,
Սրտիս կանչո՜վ դու եկար,
Լցրիր սիրտս քո ջերմ սիրով
Ու հավատով անսպառ...
1978, Մարտակերտ
ՄԵԿԻ ՍԻՐՈՎ...
Մեկի սիրով ե՜ս եմ վառվել,
Մեկին թողել կարոտով...
ՔՈ ՄԱՍԻՆ...
Քո մասին ոչ-ոք ինձ մոտ չի խոսում,
Ոչ-ոք քո մասին ոչինչ չի հիշում:
Ինչո՞ւ չգիտեն քո մասին ոչինչ:
Դու ո՞վ ես արդյոք...
Ասե՞մ...
Ոչ այլ ոք,
Եթե ոչ`
Իմ լույս երազը` կյա՜նքս,
Փա՜ռքս,
Տենչա՜նքս,
Ե՜րգս,
Բերկրա՜նքս...
1977, Դիլիջան
ԵՐԱՆԻ, ԹԵ...
Երանի, թե հասկանայի՜ր
Դու իմ հոգին
Ու իմ հոգում
Պահված բոլոր գաղտնիքները,
Իմ հոգու մեջ պահված բոլոր
Ե՜վ երգերը,
Ե՜վ վերքերը...
Երանի, թե հասկանայի՜ր
Դու իմ սրտի մորմոքները,
Իմ վշտերը,
Ապրումները...
Բոլո՜ր-բոլոր երազներս
Երանի, թե հասկանայիր:
1977, Դիլիջան
ՄԻ՞ԹԵ ՎԱՂՈՒՑ Է...
Մի՞թե վաղուց է, որ ինձ չես հիշում,
Մի՞թե վաղուց ես դու ինձ մոռացել,
Սիրտս լոկ դրանից է դառնանում
Ու ընկղմվում եմ ես իմ խոհերում...
Մի՞թե վաղուց ես դու ինձ մոռացել:
Քո հոգում անգամ չթողի մի թել,
Գեթ մի ապացույց, որ քեզ սիրել եմ,
Այդ մասին կյանքում ես շատ եմ խորհել,
Կուզեի կյա՜նքս ես քեզ նվիրել,
Գեթ մի ապացույց, որ քեզ սիրել եմ:
Գիտեմ, դրանից շատ ենք տուժելու,
Թեև կյանք մտնենք այլ ճամփաներով,
Մտածելու ենք, երկար խորհելու,
Ո՞վ էր մեղավոր` չենք հասկանալու...
Եվ... կյանք կմտնենք այլ ճամփաներով:
1977, Կոճողոտ
ԱՅԴՊԵՍ ՉԷԻ ՈՐՈՇԵԼ...
Այդպես չէի որոշել,
Բայց դե` այդպես ստացվեց,
- Լսո՞ւմ ես...
- Լսո՞ւմ ես...
Թեկուզ շատ եմ ես թախծել`
Դրությունը չի փոխվել,
- Զգո՞ւմ ես...
- Զգո՞ւմ ես...
Ե՜վ լսում ես, և՜ զգում,
Սակայն ինչո՞ւ չես խոսում,
- Լռո՞ւմ ես...
- Լռո՞ւմ ես...
1977, Դիլիջան
ՆՈՐԻՑ ԿԳԱՍ...
Նորից կգաս ու կլցվի
Սիրտս երգերով,
Սիրո համար էլ չեմ թախծի`
Կործանված սիրո:
Ու քո սերը կպարգևի
Ինձ մի մեծ աշխարհ,
Մի մեծ աշխարհ` սիրո, կյանքի
Եվ երջանկության:
Նորից կերգի առվակը լուրթ
Մեր սիրո մասին.
Ու երգերով իր քաղցրաշուրթ
Նա մեզ կհուզի:
Կմոռանանք մեր վիշտը հին`
Լցված երազով,
Կգաս նորից ու կլցվի
Կյանքս քո սիրով...
1978, Կոճողոտ
ԼՈ՜ՒՌ ԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ...
Լո՜ւռ եմ հավատում քո գալուն ես,
Իսկ դու այդ մասին դեռ... չգիտես..
ՇԻԿԱՆՈՒՄ-ՄԱՐՈ՜ՒՄ ԵՆ...
Շիկանում-մարո՜ւմ են երգերս,
Ու հանդարտ մխո՜ւմ են վերքերս,
Թեկուզև գարուն է իմ սրտում,
Բայց էլի թոշնո՜ւմ են վարդերս:
1977, Դիլիջան
ԵՍ ՉԵՄ ՄՈՌԱՆԱ, ԻՍԿ ԴՈՒ` ՉԳԻՏԵՄ
Ու Վեներայից <<եկավ>> մի երկտող. - Ցավում եմ, Բայց քեզ սիրել չեմ կարող...
Մի տարի անցավ այդ տխուր օրից`
Սպասման խորին խորհուրդներով լի...
Այդ մի տարվա մեջ մենք իրար մոտով
Շա՜տ ենք անցել լուռ: Ամեն անցնելով
Ուզում էինք միշտ ինչ-որ բան ասել,
Եվ չէինք ասում: Դե` ինչպե՞ս ասել...
Ու տարին անցավ հանդարտիկ ու լուռ,
Եվ բաժանվեցինք իրարից տխուր:
Բայց հրաժեշտի վերջի՜ն պահին էլ
Ոչինչ չասացինք: Կուզեի խոսե՜լ,
Գեթ մի օր սրտանց մի բառ ասել քեզ,
Զգայիր, որ լոկ քե՜զ եմ սիրել ես:
Սակայն... Ի՞նչ անեմ, կանցնեն տարիներ,
Նոր խորհուրդներով կգան նո՜ր օրեր:
Չեմ մոռանա քեզ` ապրում եմ քանի,
Թեև հանդիպեմ կյանքում մեկ... այլի:
Դու կա՜ս մշտապես, իմ սե՜րն ես մաքուր,
Կհիշե՞ս դեռ ինձ, թե՞ հիշելս է զուր...
Եվ անիմա՞ստ եմ թախանձում այսպես,
Աղերսում, որ դու... որ դու ինձ հիշես...
...Ու թե սիրել ես, թեկուզև` մի քիչ,
Դու այդ ժամանակ չես մոռանա ինձ:
1978, Դիլիջան
ՈՒՇԱՑԱԾ... ԿԱՆՉ
Բաժանման օրից տարիներ անցան,
Չհանդիպեցինք օրից բաժանման,
Ինչո՞ւ, ինչո՞ւ...
Բաժանման համար ո՞վ էր մեղավոր,
Քավե՜լ եմ վաղուց մեղքերս բոլոր,
Արի՜, արի՜...
Տարիներն անցան ինչպես երազում,
Սակայն... քո հինն եմ ես միշտ երազում,
Ինչո՞ւ, ինչո՞ւ...
Դու անպատասխան թողիր սերը իմ,
Կոկոնված սերս քամուն պահ տվիր,
Գնացիր` ո՞ւր...
Պարսպապատված բերդերս առար,
Բայց չմնացիր դու այնտեղ երկար,
Իմ սե՜ր, իմ լա՜վ...
Քեզանից հետո էլ ոչի՜նչ չունեմ...
Բերդերս քամու բերանը գցած
Ինչպե՜ս տարար...
Տարիներ անցան մեր բաժանումից,
Որոնում եմ քեզ բաժանման օրից,
Ո՞ւր ես, իմ սե՜ր...
Կարոտել եմ քո ծով աչքերի՜ն, քե՜զ,
Թե չես կարող գալ` մեղավո՞ր եմ ես,
Արի՜, արի՜...
24.04.82, Մարտակերտ
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
Սեր երգեց նա իր սև դարում,
Ու աշխարհից հեռացավ,
Սակայն պահեց լույսն իր հոգու`
Անկրկնելի մի աշխարհ:
...Սեր երգեցին շատ պոետներ`
Սիրո երգեր հմայուն,
Բայց լոկ նրա՜ սիրո երգն է
Տնավորվել մեր սրտում:
1977, Դիլիջան
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Չսիրերգեց նա իր սիրած աղջկան,
Ու չգրեց սիրո մասին ոչ մի տող:
Հավետ մնաց ազատության ռահվիրան:
1977, Դիլիջան
Ո՞Վ Է ԱՆՑԵԼ...
Ո՞վ է անցել սրտիս ճամփով,
Ո՞ւր է գնացել,
Դուք չգիտե՜ք,
Քանի որ նա լո՜ւռ է գնացել...
Գոնե հայտնե՜ր
Իր գոյության մասին աշխարհին,
Հետո անցներ` թեկուզ անհետ,
Էլ չտեսնեի թեկուզ կյանքում,
Իմ ողջ կյանքում,
Ինչքան ապրեի...
1977, Դիլիջան
ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ
Գարուններ են եկել ու նորից հեռացել
Անջատման այն օրից, սիրելի՜ս,
Տխրել եմ այն օրից, քո մասին միշտ թախծել
Ու... հաճախ եմ դիմել երգերիս:
Բայց անցածն անցած է` ետ չի գա էլ նորից,
Կգան նոր գարուններ ու կանցնեն,
Չենք տեսնի էլ իրար, կողք-կողքի չենք քայլի,
Լոկ անհաս երազներ կլինեն:
Իմ հոգու մեջ մնաց մի կարոտ, մի կրակ,
Աղմկող անլեզու մի հառաչ,
Ու թովիչ մի... երգիչ, ու հույսի մի ճրագ,
Ու հույսի մի ճրագ, որ կգա՜ս...
1980, Մարտակերտ
ԵՐԲ ԵԿԱՐ...
Երբ եկար`
Հոգիս լցվեց երգերով,
Եվ ես վերացա աշխարհից ասես
Ու անէացա...
... Ես ի՞նչ գիտեի,
Թե մի օր էլ դու
Նույն ճանապարհով պիտի հեռանաս:
1977, Դիլիջան
Ի՞ՆՉ ԱՆԵՄ...
Ի՞նչ անեմ,
Ծո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ,
Ծովածավալ մի սիրո
Սո՜վ է սիրտս, ի՞նչ անեմ...
1977, Դիլիջան
ՎԻՇՏՍ ՏՎԻ...
Վիշտս տվի ուռենուն` լա,
Եվ հյուսեցի քանի՜ տաղ,
Մերժված սրտով լուռ հեռացա,
Չմոռացա քեզ սակայն:
...Տարիք անցան, բայց դու գիտե՞ս,
Ես հիշում եմ ամեն ինչ,
Ի՞նչ փույթ, թե դու ինձ չհիշես,
Թե չհիշես ինձ` ոչի՜նչ...
1980, Մարտակերտ
ԱՍԱ՜, Ո՞ՒՐ...
Ասա՜, ո՞ւր,
Ո՞ւր գնացիր, ասա՜, ո՞ւր,
Ծիծաղելով հեռացել,
Ինձ թողել ես դու տխուր...
1977, Դիլիջան
ԵՐԿԱ՜Ր ՆԱՅԵՑԻ...
Երկա՜ր նայեցի ես քո ետևից,
Բայց դու, դու ինչո՞ւ ետ չնայեցիր,
Դու ծիծաղելով անցար, հեռացար,
Իսկ ե՞ս... ինչո՞ւ ինձ վհատ թողեցիր:
1977, Դիլիջան
ՆԱ ԵՐԱԶ ԷՐ...
Նա երազ էր և երազի պես անցավ,
Չէի ուզում, բայց թողեց ու հեռացավ,
Մոռացության բավիղներում չքացավ,
Գնաց` հոգու խորքում պահած հազար ցավ:
ԴՈՒ ՄՆԱ՜...
Դու մնա՜,
Անվերջ ուրա՜խ դու մնա,
Երազներով, տխրությամբ
Ես գնում եմ, դու մնա՜:
1977, Դիլիջան
ԷԼ ՄԻ՜ ՏԵՆՉԱ ԻՆՁ...
-Էլ մի՜ տենչա ինձ,- ասում ես,- մոռացի՜ր,
Դու իմ սրտին արդեն խո՜րթ ես, հեռացի՜ր...
-Ո՞նց չտենչամ ախր ես քեզ, ի՜մ անգին,
Ախր սրտիս մեջ լոկ դո՜ւ ես, իմացի՜ր...
1977, Դիլիջան
ՎԵՐՋԱՑԱ՞Վ...
Վերջացա՞վ...
Մի՞թե սերը վերջացավ,
Գուցե խաբկա՞նք էր սերդ,
Որ մարեց ու... երազ դարձավ...
1977, Դիլիջան
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ ՎԵՆԵՐԱ ԱՂԱՍՅԱՆԻՆ
1. ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՐԱ՜Զ ԷԻՐ...
Իրար համար տենչանք էինք, Իրար համար` երազ, Երկու աստղ մի երկնքում Ու միշտ իրար... անհաս:
Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար,
Թախի՜ծ էիր, կարո՜տ համառ,
Դու ինձ համար երա՜զ էիր:
Մի աստղ ու մի երկնակամար,
Բայց ինձ` դու միշտ...անհա՜ս էիր,
Դու ինձ համար երա՜զ էիր,
Տենչա՜նք էիր դու ինձ համար...
1977, Դիլիջան
2. ԴՈՒ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ ԵՍ...
Ո՞վ ասաց` սերը չկա, Ո՞ւր մնաց, ասե՜ք, սիրելը, Իմ կորսված սերը վկա` Աշխարհում սուրբ է սերը...
Դու միշտ էլ եղել ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ,
Իմ մասին դու, արդյո՞ք, թախծել ես,
Դու միշտ էլ եղել ես իմ հոգում:
Իզո՞ւր են տանջա՜նքս, սե՜րս, ե՜ս,
Թե՞ մի քիչ սիրե՜լ ես ինձ կյանքում,
Դու միշտ էլ եղե՜լ ես իմ հոգում,
Ես երբեք չե՜մ ապրել առանց քեզ:
1977, Դիլիջան
3. ԴՈՒ ԳԻՏԵ՞Ս, ԹԵ ԿՅԱՆՔՆ...
Աչքե՜ր, մի՜ նայեք անցնող զույգերին, Ձեր երազ-սերը սպառա՜ծ աչքեր...
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ` հմայում,
Ընթանար այնպես, ոնց դո՞ւ ես քայլում,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես:
Անցնող զույգերին ինչո՞ւ ես նայում,
Երբ քո սերն արդեն դու սպառել ես,
Դու գիտե՞ս, թե կյանքն ինչու է այսպես`
Մերթ տուժում է մեզ, մերթ էլ... հմայում:
1977, Դիլիջան
4. ԴՈՒ ԻՆՁ ԵՍ ՆԱՅՈՒՄ...
Դու միշտ գողունի դեպ ինձ ես նայում, Նայվածքով քո նուրբ` սիրտս հմայում, Բայց ես ինչո՞ւ եմ անտարբեր այսպես` Նայում եմ տխուր ու լուռ հեռանում:
Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում,
Այս ի՞նչ է, արդյոք, ինձ հետ կատարվում,
Դու ինձ ես նայում անվերջ, գողունի:
Սակայն քո մոտով միշտ լուռ եմ անցնում,
Կարծես մեր մեջ էլ ոչինչ չի լինի,
Դու ինձ ես նայում անվերջ գողունի,
Ես զգում եմ դա իմ ամեն քայլում:
1977, Դիլիջան
5. ԴՈՒ ԱՍՈՒՄ ԵՍ` ԶՈ՞ՒՐ ՍԻՐԵՑԻ...
Ասա՜, ինչո՞ւ քեզ սիրեցի երազներով անսպառ, Ես քեզ կյա՜նքս նվիրեցի ու ապրեցի քեզ համար, Բայց անհաղորդ մնացիր դու սրտիս անհուն վշտերին, Ես` անսահման սիրով լեցուն, ես` մշտապես քո գերին:
Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի,
Դրա՞ համար սեր-երազիս դու անհաղորդ մնացիր,
Դու ասում ես` զո՜ւր սիրեցիր, երազներով անսպառ:
Ինչո՞ւ թողիր դու ինձ շվար և ուրիշի սիրեցիր,
Մի՞թե, մի՞թե ուրիշ գրկում շոյանքներս մոռացար,
Դու ասում ես` զո՞ւր սիրեցի, երազներով անսպառ
Նվիրեցի քեզ իմ սերը ու քեզ համար ապրեցի:
1977, Դիլիջան
6. ԴՈՒ ՆԱՅԵՑԻ՜Ր ԱՉՔԵՐԻՍ ՄԵՋ...
Դու նայեցիր աչքերիս մեջ ու անցար, Աչքերիս մեջ ցավ, տխրություն դու տեսար, Անհուն թախիծ, տանջանք-զղջում դու տեսար, Կարո՜տ տեսար աչքերիս մեջ ու... անցա՜ր...
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար,
Աչքերիդ մեջ տանջանք ու ցավ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ:
Աչքերիս մեջ` ցավ, տխրություն,
Զղջում, թախիծ` աչքերիդ մեջ`
Դու նայեցի՜ր աչքերիս մեջ,
Դու նայեցիր ու լո՜ւռ անցար...
1977, Դիլիջան
7. ԴՈՒ ԱՏԵԼՈՎ ԱՏՈ՞ՒՄ ԵՍ ԻՆՁ...
Դու ատելով ատում ես ի՜նձ, Ես` սիրելով սիրում քե՜զ, Եվ թախծում է քո կարոտից Սիրտս` դառն ու վշտակեզ...
Դու ատելով ատո՞ւմ ես ինձ,
Ես սիրելով սիրում եմ քե՜զ,
Սիրտս դառն է ու վշտակեզ`
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ:
Ի՞նչ անեմ ես, ես ի՞նչ անեմ,
Ա՜խ, չգիտեմ ինչպես վարվել,
Դու ատելով ատո՜ւմ ես ինձ,
Ես` սիրելով սիրում եմ... քե՜զ:
1977, Դիլիջան
8. ԴՈՒ ՏԽՐՈ՞ՒՄ ԵՍ ԴԵՌ...
Տխո՜ւր եմ միշտ էլ անջատման օրից, Ոչ-ոք չի կանչում ինձ սիրո ձորից, Այնքա՜ն եմ թախծել քո սիրո համար, Որ չեմ հավատում, թե կգաս նորից:
Դու տխրո՞ւմ ես դեռ, թե՞ մեկ է արդեն,
Որ ճանապարհիդ էլ չեմ երևում,
Որ ես, Վեներա՜, ձայնդ չեմ լսում`
Դու տխրո՞ւմ ես դեռ, թե՞ մեկ է արդեն:
Ես քո ետ գալուն էլ չեմ հավատում,
Թեև թախծում եմ մինչև այսօր էլ,
Դու տխրո՞ւմ ես դեռ, թե՞ մեկ է արդեն,
Որ ճանապարհիդ էլ չեմ երևում...
1977, Կոճողոտ
ՎԵՆԵՐԱ... ՍԻՐՈ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Հատվածներ չգրված պոեմից
1
Դու այնպե՜ս ես ալեկոծվում, սիրտ, ու այնպե՜ս ես հուզվում,
Երբ որ կորսված սիրո մասին պատմություններ ես լսում,
Քանզի ոչ-ոք չի ցանկանում, որ իր սերը կործանվի,
Ու կարծում է` իր սիրածը միշտ... իրենը կլինի:
...Ա՜խ, դու խոցված ինձ թողեցիր, իմ Վեներա՜, իմ սիրա՜ծ,
Ես մնացի այդ օրվանից ալեկոծված, փոթորկված:
Դու հեռացար, բայց մնացիր իմ հոգու մեջ հավիտյան,
Որովհետև քե՜զ հանդիպել ու սիրել եմ քե՜զ միայն:
Հասկացե՞լ ես քո սխալը, սակայն, ո՜ւշ է, սիրելի՜ս...
Բայց երբ մեկ-մեկ հանդիպում ենք` այնպե՜ս նայում ես դու ինձ,
Ցանկանում ես քո պատկերը գտնել սրտիս հայելո՞ւմ,
Բայց, Վեներա, ավերակ է հիմա սերդ իմ սրտում:
Ավերակված է արդ սիրտս ու մթագնած` հայելին,
Իզո՜ւր ես դու այդպես երկար նայում խոցված իմ սրտին:
Այնտեղ ոչինչ դու չես տեսնի ու չես գտնի նույնիսկ... քե՜զ,
Թե իմ սրտի հայելու մեջ, իրոք, միայն դո՜ւ լինես:
Թեև ուշ է արդեն, բայց ես միշտ կհիշեմ քեզ, իմ լա՜վ,
Դու չտեսնե՜ս քո օրերում ո՜չ կսկիծ, ո՜չ սիրո դավ...
1977, Դիլիջան
2
Նորից գարնան շունչը ցրեց մորմոքները իմ հոգու,
Մտա պարտեզ` այն աղջկա համար վարդեր փնջելու:
Բայց վարդի տեղ սի՜րտս եմ տալու այն աղջկան լուսերես:
Որ միշտ գարնան շունչը ապրի, ապրեցնի նաև մեզ...
Սերը անմար հո՜ւրն է կյանքի, սերը վարդ է ու ծաղիկ,
Սիրած աղջիկն ինչքան անգեղ` միշտ թվում է գեղեցիկ:
Պետք է սիրով ու սրբությամբ պահել սերը անարատ,
Սերը մարդուն թև է տալիս, մարդը սիրով է անհաղթ:
Սերը հույս է միշտ ներշնչում դժվար պահին քո կյանքի,
Սիրով հեշտ ես հաղթահարում կեռմանները քո ճամփի:
Գուցե ծովը ոչ ալիքներ, կամ ոչ էլ ջուր ունենար,
Եթե սիրո հուրը մարեր ու աշխարհից վերանար:
Բայց սերը կա, կա աշխարհը, որ հիմնված է սուրբ սիրով,
Ու աշխարհը ինչքան էլ մեծ` գեղեցիկ է լոկ... ծովով:
...Կյանքը ծով է մեծ ու անհուն, սկիզբ չունի, ոչ էլ` վերջ,
Մարդը անհույս մի տաշեղ է` ընկած ծովը` խոր ու մեծ:
Օրորվում է ծովը հանդարտ, ալիքներով իր խաղում,
Թփրտում է տաշեղը հեզ ու նորից չի... ընկղմվում:
Փոթորկվում է ծովը հանկարծ. ջրերն իրար դեմ կռվում`
Բարձրանում են` ալիք-ալիք իրար խեղդած գլորվում:
Իսկ տաշեղը, խեղճ տաշեղը ջրերի մեջ մեն-մենակ,
Խենթ ջրերի դեմ մղում է կենաց-մահու մենամարտ:
Ու թվում է, թե չի... հաղթի, թե կկորչի ջրերում,
Բայց իր հեռու ափին հանկարծ սեր-հավատ է նշմարում:
Գոտեպնդված իր մեծ սիրով ու հավատով մարդկային`
Հաղթում է գոռ մենամարտում խենթ-խելագար ջրերին:
Հանդարտվում են ալիքները, ծովն է ասես լուռ մեռնում,
Մակույկ դարձրած հավատ ու սեր` ափ է նորից նա տենչում:
Բայց ցանկալի ափ կհասնի նա ոչ թե ոնց հեզ տաշեղ,
Այլ ծովի մեջ, մենամարտում հաղթած գոռ այր մի զորեղ:
Ու թե ծովում դու մոլորվես` մակույկը ափ կհանի,
Կյանքի ծովում սերը միայն ուղիղ ճամփով կտանի:
Կյանքի մակույկը սերն է հենց, համբույրն է սեր-աղջկա,
Ի՜նչ է, արդյոք, կյանքը մարդու, թե սրտի մեջ սեր չկա:
Ինչպե՞ս կապրեր մարդը կյանքում, եթե սերը չլիներ,
Ինչքա՜ն լավ է, որ աշխարհում և՜ արև կա, և՜ մեծ սեր...
...Նորից գարնան շունչը ցրեց մորմոքները իմ հոգու,
Մտա պարտեզ` այն աղջկա համար վարդեր փնջելու:
Բայց վարդի տեղ սի՜րտս եմ տալու այն աղջկան լուսերես:
Որ միշտ գարնան շունչը ապրի, ապրեցնի նաև մեզ...
19.05.82, Մարտակերտ
3
...Ներշնչանքն է սերը կյանքի` տրված սիրող սրտերին,
Սիրո չքնաղ ներաշխարհի երջանկությունն ու... գերին:
Դառն ու դատարկ մեր կիրք-ցավը իսպառ պիտի վերանա,
Հավերժական այս աշխարհում միայն սերը կմնա:
Թե սեր ունես, պիտի սիրես անհունորեն ու անհագ,
Բայց իզուր է կյանքդ հարկավ, թե չես սիրում նրան շատ:
Մերժված սերը դառն է լինում, բայց պիտ ցավին դիմանալ,
Իսկ երբ փակ է... ճանապարհդ` դու ուզում ես հեռանալ:
Բայց սերն ընկած դու չես տեսնի, սերը հպարտ կտեսնես,
Մի՜ վհատվիր, արի՜ եղիր, երբ մերժում է սերդ քեզ,
Վհատությունը քո սրտին վիշտ կբերի կրկնակի,
Թե ապրում ես` ամբողջ հոգով ատիր դավերն աշխարհի:
Ի՞նչ անենք, որ այդ աղջիկը և՜ անսիրտ էր, և՜ անսեր,
(Գեթ մի անգամ, երանի թե, նա այս խոսքերը լսեր),
Որ քեզ մերժեց, սիրտդ վառեց, թողեց` քեզնից հեռացավ,
Գուցեև իր սրտից հանեց, գուցե վաղուց մոռացավ
Քեզ, քո սերը: Ասա՜, ինչո՞ւ սիրտդ խոցեց ու գնաց,
Բայց տխրածոր քո երգերում նրա կարոտը մնաց:
Գուցե նա էլ հիշում է քեզ, գուցե քեզ չի մոռացել,
Հաճախ էլ քեզ համար գուցե նա աչքերն է իր թացել:
Դու մի՜ տանջվիր երբեք վշտից, երբ մերժում է սիրելիդ,
Թեև մերժված, բայց ունեցիր սիրով լցված մի ջե՜րմ սիրտ:
Եվ` հավատա՜, կգա մի օր` դու երջանիկ կլինես,
Ու քեզ համար մի վառ ծաղիկ, սիրող մի սիրտ կգտնես:
...Լսի՜ր դու միշտ խոսքերը իմ, խորհուրդները իմ բարի,
Որոնք ճամփա ցույց կտան քեզ` ճանապարհը մեծ կյանքի,
Եվ միշտ սիրիր անկեղծ սրտով, մինչև կյանքի վերջ սիրիր,
Ու ջինջ հոգով, ջահել հոգով սիրո խոսքեր անրջիր...
1977, Դիլիջան
ՉՄՈՌԱՆԱ՜Ս...
Երբ որ գարուն լինի,
Ու ծաղիկներ լինեն`
Ծաղիկներով տարված
Չմոռանա՜ս դու ինձ,
Չմոռանա՜ս...
Չմոռանա՜ս դու ինձ,
Եթե նույնիսկ մեկին
Մի սրբազան սիրով
Հանդիպես քո ճամփին`
Չմոռանա՜ս...
1977, Դիլիջան
ՎԵՐՋԵՐԳ
Մնա՜ս բարով, ի՜մ անգին,
Սե՜ր իմ առաջին...
Արդեն ուրիշ սիրո՞վ է
Լցվում իմ հոգին:
Էլ չե՞ս գերում, թովում ինձ
Դու քո թովչությամբ,
Բա՞վ է` ինչքան մնացինք
Մենք համբերությամբ:
...Մնաս բարով եմ ասում
Դառնացա՜ծ հոգով,
Ո՜նց կմարի կարոտդ
Իմ սրտում սիրող...
1977, Դիլիջան
ԲԱՐՁՈՒՆՔ ՏԱՆՈՂ ԱՐԱՀԵՏՈՎ
Բարձունք տանող արահետով Իմ երազն ինձ ո՜ւր է տանում... ...Ես իմ ցա՜վն եմ երկինք հանում Բարձունք տանող արահետով...
Բարձունք տանող արահետով
Գնում եմ` իմ նպատակին
Հասնելու համար,
Շուրջս` քարեր, հողմ ու տարափ,
Իրար բազմած ձոր ու քարափ`
Հսկում են համառ:
Մացառներն են ճամփաս փակում,
Մերթ` փաթաթվում, մերթ` ետ քաշվում
Նեղլիկ կածանից,
Բայց գնում եմ ոգով տոկուն,
Համառ է երթս ու անզիջում`
Չեն խանգարի ինձ:
Սակայն... բան է` կպատահի,
Ճանապարհս, տեղ չհասած,
Գուցե... ընդհատվի...
...Միայն զգամ, որ ապրել եմ,
Ու իմ կյանքով պայքարել եմ`
Հանուն բարձունքի:
1977, Դիլիջան