Changes

Ուսուցչուհու հիշատակարան

Ավելացվել է 45 598 բայտ, 20:42, 13 Դեկտեմբերի 2019
/* XII */
― Իմ ու քո բախտի բարեդիպության վրա ես ծիծաղում անշուշտ։
Բայց նա չգիտեր, որ հիշելէի հիշել էի մի քանի օր առաջվա սովխոզից իմ վերադարձը, երկանիվ կառքն ու բոժոժների ճնկլտոցը ամայի ճանապարհի վրա, հետո գյուղին մոտիկ պատահած բաց դռնից ներս մտնելս։ Սրբեցի աչքերս, որոնք թրջվել էին ոգևորության արցունքով, և ասացի․ ― Արուսյակն ասել էր ինձ, առանց սակայն ձեր անունը տալու, և ես հազար ենթադրություն էի արել, թե ով կարող էր եղած լինել այդ երիտասարդը։ Գաղտագողի նայեցի նրան․ սիրո բոցեր կային ինձ ուղղած նրա հայացքում։ Մի ժամանակ նրա հետ զրուցելիս շրթներիս էին գալիս կրակե բառեր, որոնք չարտասանվեցին, և որոնք հիմա պատռում էին կուրծքս դուրս պոռթկալու համար։ Բայց, ինչ աղջիկ եմ ես․․․ նորից շրթներս կողպ մնացին և ես լուռ, գլխահակ, բայց երջանիկ, լեզվիս ծայրին հասած բառերը պահեցի սրտիս խորքը, ինչպես անթեղված կրակ։ Արուսյակը եկավ ու մեզ դահլիճ հրավիրեց։ Բեմը սովորական, համեստ կահավորում ուներ։ Այնտեղ նախապես եղած մեծադիր նկարներին ավելացրել էր հոբելյարի մեծադիր նկարը, որ ակումբի վարիչը նախապես պատրաստել էր տվել այս օրվա համար։  Արուսյակի հետ բարձրացա բեմ։ Վարագույրը բացվեց։ Դահլիճի առաջին շարքերում աշակերտներն էին, սովխոզի ղեկավարները և դպրոցի ուսուցիչները։ Հայկուշի կողքին Խորենյանն էր։ Նա զրուցում էր պարտիայի շրջկոմի քարտուղարի հետ։ Մինչդեռ ակումբի վարիչը բացման ընդունված երկու խոսքն էր ասում, ես հուզված էի այն մտքով, որ ահա մի քանի րոպեից հանդես պիտի գամ մի լսարանի առաջ, ուր ինտելիգենտ ընկերներ կային, տնտեսության ղեկավար անձեր, գրական խմբակի անդամներ, մանկավարժներ և այդ բոլորից բացի այնպիսի մի անձնավորություն, որ գիտեի թե ինչ աստիճանի խստապահանջ էր և բծախնդիր բանավոր ու գրավոր խոսքի մաքրությանը։ Ես կուզենայի, որ Արուսյակի բացման խոսքը երկարեր, որպեսզի սիրտս խաղաղվեր, բայց հակառակի պես կարճ տևեց․․․ գուցե ինձ թվաց, որ համառոտ էր այն, այնպես որ երբ զեկուցման համար խոսքն ինձ տրվեց, և ես ուղղվեցի դեպի ամբիոն, զգացի որ շառագունել եմ։  Խոսելիս այնքան լարված էի, այնպես ինքնամփոփ և ուշադիր, որ երբ վերջացրի զեկուցումս, զեկուցումս, զգացի, որ սաստիկ հոգնած եմ։ Բայց բուռն ու երկարատև ծափահարությունից, որ հաջորդեց իմ զեկուցմանը և որով դահլիճը վարձատրեց ինձ, նոր կորով ստացած՝ բեմից իջա աշխույժ ու թեթև։  Ծափահարություն, շնորհավորանքներ․․․ գլուխս կորցրել էի երջանկությունից։  Ընկերուհիներս, որոնք շրջապատել էին ինձ, հավաստում էին, որ հաջողությունս կատարյալ էր։ Ինձ շրջապատողների շղթան Խորենյանին հեռու էր պահում ինձանից։ Աչքի տակով նայում էի նրան, որ մեկուսի կանգնած կուս․ շրջկոմի քարտուղարի հետ նայում էր ինձ ու ժպտում։ Ես սպասում էի, որ նա կշտապի իր կարծիքը հայտնել, բայց նա չէր մոտենում ինձ։ Այս հապաղումը երկմտանքի մեջ էր գցել ինձ, մինչև իսկ երկյուղ ունեցա, որ Խորենյանը չի բաժանում ընկերուհիներիս խանդավառությունը։ Սակայն քիչ հետո, երբ շատերը դուրս եկան ճեմասրահ, Խորենյանը շրջկոմի քարտուղարի հետ մոտեցավ ինձ․ ― Արաքս ջան,― ասաց,― շնորհավորում եմ, հիացած եմ․․․ Շրջկոմի քարտուղարը նույնպես շնորհավորեց ինձ հաջող զեկուցման համար։ Սիրտս հանդարտեց, կասկածներս փարատվեցին, պետք է խոստովանեմ, որ բոլոր շնորհավորանքներից ու համբույրներից ավելի տաք ու մտերիմ Արտակի բառերն էին, որ մնացին իմ հոգում ու ջերմացրին սիրտս։ Քիչ հետո ակումբի գրասենյակում, ուր գրական խմբակի անդամները շրջապատել էին ինձ, Խորենյանը մեկնելուց առաջ առիթ գտավ ինձ մեկուսի ասելու, որ ձմեռային արձակուրդի օրերին ինձ սիրով սպասելու է Երևանում։  ==XIII== Թեև ես առհասարակ նախապաշարումներ չունեմ, բայց երբեմն իմ կյանքում կատարվում են այնպիսի անհաճո բաներ, որ տարվում եմ մտածելու, թե ինչքան ապրեմ ինձ համար ուրախություն չի լինելու և թե ես դժբախտ աղջիկ եմ։  Զեկուցման հաջորդ օրերին, երբ դպրոցը պատրաստվում էր կիսամյակի ամփոփման աշխատանքներին և ես անհամբեր սպասում էի սովորողների ձմեռային արձակուրդին Երևան մեկնելու համար, պատահեց մի անսպասելի դժբախտություն, որ ինչպես ասում են, օրս սևացրեց։ Մանկավարժական խորհրդի նիստ էր։ Օրակարգը ծանրաբեռնված էր երեք դասղեկի և առարկայական հանձնաժողովի երկու նախագահների զեկուցումներով, վերջում՝ ընթացիկ հարցեր։ Բայց հիմնական հարցերի քննարկումից հետո այնքան էինք հոգնած, որ տրամադրություն չունեինք մի րոպե անգամ նվիրելու ընթացիկ հարցերի քննությանը, որոնց շուրջ, փորձից գիտեինք, երբեմն մեծ ու երկարատև վեճեր են լինում։ Այնպես, որ երբ նախագահը հարցրեց թե ով ինչ խնդիր ունի ընթացիկի համար, բոլորը միաբերան գոչեցին․ ― Ոչ ոք հարց չունի։ Ոտքի ելանք։ Բայց դիրեկտորը խնդրեց մեզ մի երկու րոպե էլ մնալ, որպեսզի ընթերցի ժողկրթբաժնից ստացված պաշտոնական մի գրություն, կից շրջգործկոմի նախագահության № նիստի որոշման № կետի քաղվածքը՝ ուսումնական տարվա երկրորդ կեսից դպրոցի ցածր դասարանների ուսմասվարի հաստիքը կրճատելու մասին։  Քաղվածքի ընթերցումը անախորժ տպավորություն թողեց բոլորի վրա։ Բողոքի ձայներ լսվեցին, գանգատ այն մասին, որ շրջանի ղեկավարները հաճախ որոշումներ են հանում ի վնաս ուսումնական գործի, առաջարկներ եղան հանդես գալ մամուլում շրջգործկոմի նախագահության որոշման դեմ։ Ո՞վ իրավունք ուներ տարվա կեսին ուսուցչի տնտեսությանը վնաս հասցնելու և խանգարելու դպրոցի ուսումնական գործի ծրագրված նորմալ ընթացքը։ Բոլորի համար պարզ էր, շրջգործկոմի որոշումը ուղղակի ինձ է հարվածում, բայց ես մնում էի լուռ ու գլխահակ և ուրախանում թաքուն, լսելով կոլեկտիվի վրդովված ընկերների արդարացի բողոքները։ Բայց այդ բոլորի մեջ միայն ես գիտեի, թե ինչ պղտոր աղբյուրից է բխում խնայողության ռեժիմի լոզունգի տակ Գեղամ Սուրենյանի՝ շրջգործկոմի նախագահությանը ներկայացրած առաջարկը։ Սակայն կոլեկտիվի անդամների զայրույթն ու բողոքը մխիթարում էին ինձ։ Զգում էի ոչ միայն իմ նկատմամբ եղած համակրանքը, այլև ազնիվ նախանձախնդրություն դեպի ուսումնական գործը։ Բայց լացս գալիս էր, երբ մտածում էի, թե տարվա կեսին պիտի թողնեմ իմ սիրած գործը, որին նվիրվել էի մեծ եռանդով, որովհետև, եթե ըստ հրամանի թողնեի ուսմասվարական աշխատանքը, ինձ կմնար միայն վեց ժամ դաս, որով գոյություն պահպանել հնարավոր չէր, և հարկադրված պիտի հեռանայի գյուղից։ ― Թեև,― ասաց դիրեկտորը,― կարգը պահանջում է, որ վերադաս մարմիններից ստացված հրամաններն ընդունվեն ի գործադրություն և ոչ թե ի քննություն, բայց շրջգործկոմի որոշումը, որից բխել է այս հրամանը, այնպիսի վնաս է հասցնում մեր դպրոցին, որ ես չեմ կարող և չեմ ուզում այն կցել գործին մեխանիկորեն մակագրելով «ի կատարումն» և ուզում եմ նախապես նրա մասին մանկավարժական կոլեկտիվին տեղյակ պահել․․․ ― Հիմա ուրախ եմ,― շարունակեց դիրեկտորը,― որ այս որոշումն ու հրամանը մեզնից ոչ մեկի սրտովը չէ, որովհետև այն չի բխում մեր դպրոցի շահերից։ Ուստի դիրեկցիան մանկավարժական խորհրդի անունից պետք է հարց հարուցի շրջգործկոմի նախագահությանը, պատճենը կուս․ շրջկոմին, փոփոխելու մեր դպրոցի համար այնքան անբարենպաստ այս որոշումը և նոր հրամանով վերականգնելու մեզ մոտ ուսմասվարական զույգ հաստիքները։ Այս առաջարկը արժանացավ միահամուռ հավանության։ Ժողովը վերջացած էր։ ==XIV== Հաջորդ առավոտյան, առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու գնացի Էջմիածին, շրջգործկոմի նախագահին բողոքելու։ Անփորձ էի, չսպասեցի, որ դպրոցի ղեկավարությունը մանկավարժական կոլեկտիվի լիազորությամբ զինված կատարի անհրաժեշտ ձեռնարկումներն ըստ ընդունված որոշման։ Հետո անհամբեր էի, որովհետև հարցը պարզ ու հասկանալի էր թվում ինձ, չէի մտածում օրինական ձևակերպումների բարդության մասին, և կարծում էի, թե հենց որ ինքս գնամ գանգատ անելու նախագահության որոշման դեմ, իսկույն ամեն ինչ կդասավորվի ըստ իմ ցանկության և հօգուտ ինձ։ Ես մի ժամից ավելի սպասում էի նախագահին, և նա աշխատանքի եկավ ժամը տասն անց կեսին։ Արտաքինից վայելչատես մարդ չէր, աչքերն ուռած էին, մի տեսակ հոգնած ու ջարդված տեսք ուներ, ասես գիշերը վատ էր քնել։  ― Ես եկել եմ ձեզ մոտ,― ասացի։ Նախագահը բաց արեց առանձնասենյակի դուռը և ներս մտավ, առանց ինձ պատասխանելու։ Նրա ետևից առանձնասենյակ մտա։ Նա սաստեց ինձ։ ― Չե՞ք կարող մի րոպե սպասել,― ասաց։ Դուրս ելա։ Նախասենյակից լսում էի նրա բարակ, կանացի ձայնը։ Հեռախոսով խոսում էր ինչ֊որ մեկի հետ։ Ես ճիշտ էի գուշակել, նա խոսում էր երեկվա քեֆի մասին, մինչև իսկ լսեցի անուններ, որոնց մեջ ականջիս հասան Գեղամ Աբգարիչ բառերը։ Ապա լռություն տիրեց։ Նա մոռացել էր ինձ։ Սպասելուց ձանձրացած ես բաց արեցի դուռը և հարցրի․ ― Կարելի՞ է․․․ Բազկաթոռին հենված ծխում էր։ ― Կարելի է,― ասաց հազիվ լսելի ձայնով։ Ներս մտա և երկար սեղանի ծայրին կանգնած ասացի․ ― Ես ձեզ մոտ եմ եկել դպրոցական գործով, խնդրում եմ ինձ նվիրեք մի քանի րոպե։ ― Ուսուցչուհի՞ եք,― հարցրեց։ ― Այո․․․ ― Դիմեցեք ժողկրթբաժվարին։ ― Հարցը, որով դիմում եմ ձեզ,― ասացի,― վերաբերում է նախ ձեզ և ապա․․․ ― Ի՞նձ․․․ դպրոցական գործով ի՞նձ,― ընդհատեց խոսքս։ ― Այո,― ասացի,― և՛ նրան, և՛ ձեզ։ Ես եկել եմ բողոքելու նրա հրամանի դեմ, որ բխել է շրջգործկոմի նախագահության նիստի որոշումից։  ― Հա՜, հիշում եմ այդպիսի մի բան, Հ․․․ դպրոցի ուսմասվարի մասի՞ն է խոսքը։ ― Այո, հենց այդ մասին։ ― Մենք չենք հետաքրքրվում այդ հարցով,― ասաց չոր ու վիրավորական։ ― Շրջգործկոմը,― ասացի,― որպես շրջանի բարձրագույն մարմին, իրավասու է և պարտավոր է հետաքրքրվելու շրջանի ինչպես ամեն կարգի, նույնպես և ժողովրդական լուսավորության աշխատանքով, այնպես որ ես ճիշտ հասցեով եմ եկել․․․ Իմ պատասխանի մեջ և հանդիմանություն կար և մեծարում իր պաշտոնին։ Չգիտեմ թե նա դրանցից ո՞րն ընդունեց, որ ասաց․ ― Խոսեցեք։ Ես խոսեցի ուսմասվարական իմ աշխատանքի կրճատման համար արձակված հրամանի մասին, որ ձևակերպված էր շրջգործկոմի նախագահության նիստում։ Բաց արեցի այդ որոշման հետևանքով ինձ համար ստեղծված ծանր վիճակը։  ― Դժվար է համաձայնել այն մտքի հետ,― ասացի,― որ շրջանային իշխանությունը կոպեկներ խնայելու համար, տարվա կեսին ուզենա ընդունել մի որոշում, որի հետևանքով դպրոցի ուսումադաստիարակչական աշխատանքը դուրս է գալիս իր ծրագրված նորմալ հունից։ Ես եկել եմ ձեզ մոտ եղած որոշման դեմ բողոքելու և խնդրելու, որ ինձ հնարավորություն տաք շարունակելու իմ աշխատանքը դպրոցում։ Իմ խոսելու ընթացքում նախագահը նայում էր ինձ անժպիտ ու սառը հայացքով, այնպիսի անայլայլ դեմք ցուցադրելով, որից ես չէի կարող հետևություն անել, թե արդյոք ի՞նչ է լինելու նրա եզրակացությունը, պաշտպանելո՞ւ է դպրոցի շահը, թե՞ որոշումը թողնելու է իր ուժի մեջ։ Երբ ես վերջացրի, նա մի նոր գլանակ վառեց, հենվեց բազկաթոռին և խստությամբ հարցրեց․ ― Կուսակցակա՞ն եք։ ― Կոմերիտական եմ,― ասացի։ ― Կոմերիտակա՜ն,― ասաց երկարաձգելով,― կոմերիտական եք ու չեք հասկանում կուսակցության քաղաքականությունը․․․ ցավալի է, շատ ցավալի․․․ ― Ի՞նչն է ցավալի,― հարցրի զարմացած։ ― Լսեցեք,― ասաց,― և սովորեցեք չընդմիջել խոսողին․․․ ախ դուք կոմերիտականներդ։ Բոլորդ եք այդպես, մեծ֊մեծ խոսում եք, բայց կյանքից քիչ եք սովորում․․․ Ասացեք խնդրեմ, իմացե՞լ եք խնայողական կամպանիայի մասին․․․ թերթ կարդում եք անշուշտ։ Դասախոսություններ էլ եք լսում, զեկուցումներ նույնպես, շարունակ խոսում են խնայողության մասին, մի՞թե այդ լոզունգը իր տնտեսական ու քաղաքական վիթխարի նշանակությամբ չի հասել ձեր կոմերիտական գիտակցությանը։ Գեղամ Աբգարիչը միանգամայն ճիշտ է վարվել, որ նախագահության նիստին է ներկայացրել Հ․․․ դպրոցում մի ուսմասվարի հաստիքի կրճատման հարցը, որը և հաստատվել է․․․ օրվա պահանջը խնայողությունն է և ժողկրթբաժվարն ու մենք իրավացի ենք․․․ Ոմանք, գուցե ժամանակավորապես տուժեն մեր որոշումներից, ինչ փույթ․․․ մեր տնտեսության, մեր արդյունաբերության անշեղ վերելքի այս տարիներին դժվարություններկլինեն, դրանք անխուսափելի են, դրանք վերելքի դժվարություններ են, լսած կա՞ք վերելքի դժվարությունների մասին, մենք քաջությամբ պիտի տոկանք դժվարություններին, կոմունիզմի կառուցումը նախատեսում է և՛ զրկանք, և՛ անախորժություն, հապա ինչ եք կարծում։ Դրանք սակայն հեշտ են տարվում, եթե ունենանք քաղաքական բավարար հասունություն։  Իմ առաջ քաշած հարցի հետ բնավ առնչություն չունեցող նախագահի այդ փքուն ճառն ինձ զարմացրեց։ Խնայողական կամպանիայի կիրառումը ոչ մի կապ չուներ ուսումնական աշախատանքի կրճատման գնով խնայվող կոպեկների և նրանցով իբր ապահովվող մեր երկրի սոցիալիստական տնտեսության վերելքի հետ։  Դպրոցի բյուջեն շրջանային գորադիր կոմիտեի կողմից վաղուց հաստատված, կազմված էր երկու ուսմասվարի աշխատավարձի հաշվով, դրա հաշվին խնայողություն անել անթույլատրելի էր և հակառակ կուսակցության քաղաքականությանը։ Այս իմաստով էր, որ պատասխանեցի նախագահի վերամբարձ ճառին, զգույշ տոնով, առանց վիրավորելու ղեկավարի արժանապատվությունը։ Բայց նա ջղայնացած, ինձ անվանեց համառ կոմերիտական և գտավ, որ ես ոչինչ չեմ հասկանում կուսակցության տնտեսական քաղաքականությունից։  Ու ոտքի ելավ, հասկացնելով ինձ թե, ունկնդրությունը վերջացած է։  Ես դուրս եկա նախագահի առանձնասենյակից դառնացած ու տխուր։  Երեք օր հաջորդաբար եղա Էջմիածնում, ուզեցի լինել շրջկոմի քարտուղարներից որևէ մեկի մոտ, բայց այդ ինձ չհաջողվեց։ Շրջանում տարվող զանազան կամպանիաների անցկացման առնչությամբ նրանք շարունակ գյուղերում էին լինում, սովխոզներում և ֆերմաներում, այնպես որ դժվար էր նրանց հանդիպելը։ Անհույս եմ և տխուր։ Անթառամ Մեսպրոպյամը սակայն շարունակ հուսադրում է ինձ։ Չգիտեմ նա ինչ հիմք ունի, որ անդադար կրկնում է․ «Վստահ եղիր, հարցը կլուծվի հօգուտ դպրոցի»։ Սպասենք և հուսանք․․․  ==XV== Որովհետև հարցի լուծումը ինձանից կախված չէ, և ես չգիտեմ թե ինչ իրական հնարավորություններ կան շրջգործկոմի նախագահության որոշումը ի նպաստ դպրոցին փոխելու, շարունակ մտածում եմ, թե ինչ եմ անելու, եթե շրջգործկոմի որոշումը մնա իր ուժի մեջ։ Դիմելո՞ւ եմ Խորենյանին, որպեսզի իր հեղինակությունն ու դիրքն օգտագործելով ինձ համար աշխատանք ճարի մի որևէ դպրոցում։  Ո՛չ, հաստատապես ո՛չ։ Տարվա կեսին աշխատանքի նշանակվել դպրոցում հնարավոր է միայն դասեր վերցնելով ուրիշներից։ Ես այդ չեմ անի։ Ես հավանորեն կգնամ տպարան և մինչև սեպտեմբեր կաշխատեմ որպես բանվոր։ Տպարանում ես ոչ ոքի աշխատանք չեմ խլի, այնտեղ միշտ գործ կա ինձ համար և ես կընդունվեմ գրկաբաց։ Հետո՞․․․ հետո նորից դպրոց․․․ Վերջապես այսօր ինձ հաջողվեց լինել կուսշրջկոմի քարտուղարի մոտ։ Բաց արեցի առանձնասենյակի դուռը և հարցրի․ ― Կարելի՞ է․․․ Քարտուղարը բարձրացրեց գլուխը, ակնոցը ցած բերեց, մի պահ ուշադիր եղավ դեպի ինձ ու ասաց․ ― Համեցեք։ Ես թեև քարտուղարին տեսել էի իմ զեկուցման օրըակումբում, բայց այն ժամանակ նրանուշադիր չէի եղել այնպես, ինչպես որ եղա այսօր։ Քառասունն անց նիհարակազմ մի անձնավորություն էր, վճռական դիմագծերով և աչքերի խոհուն արտահայտությամբ։ Իմ վրա հաճելի տպավորություն գործեցին կուսակցական քարտուղարների համար ոչ սովորական նրա թավ բեղերը, կախ ընկած հաստ շրթներին, որոնք չգիտեմ ինչու ես միշտ ընդունել եմ բարության և հաստատակամության նշան։  Հրավիրելով ինձ նստել, ձեռքի մատիտը դրեց սեղանին, բարյացկամ ժպտաց և սևեռուն նայելով ինձ, ասաց․ ― Եթե չեմ սխալվում, դուք Հ․․․ի ուսուցչուհիներից եք։ ― Այո․․․ ― Եվ Հյուգոյի հոբելյանի օրվա զեկուցումը կարդացող ուսուցչուհին։ ― Այո․․․ ― Ի դեպ շատ լավ զեկուցում կարդացիք, կարծեմ այն օրն էլ չթացքրի հիացմունքս և շնորհավորեցի ձեզ։  Ես գլուխս հակեցի կրծքիս և լուռ մնացի մի պահ։ ― Այժմ լսում եմ ձեզ։ ― Ես ձեզ մոտ եմ եկել,― ասացի,― դպրոցական գործով և խնդրում եմ ինձ նվիրել մի քանի րոպե․․․ ― Պատրաստ եմ ձեզ լսելու,― ասաց,― բայց թույլ տվեք կանխել ձեզ, որովհետև ձեր հուզված վիճակից ենթադրում եմ, որ հարցը, որով դիմելու եք ինձ, դպրոցի երկրորդ ուսմասվարի հաստիքի կրճատմանն է վերաբերվում․․․ Ճի՞շտ եմ գուշակում։  ― Միանգամայն ճիշտ։ ― Էհ,― ասաց քարտուղարը ժպտալով,― բայց այդ հարցը լուծված է հօգուտ ձեզ, կամ ավելի ճիշտ հօգուտ դպրոցի, միթե մինչև հիմա այդ մասին չեն հայտնել դպրոցին և ձեզ․․․ ― Ոչ․․․ Քարտուղարը վերցրեց հեռախոսի լսափողը համարներ հավաքեց, սպասեց մի րոպե և․․․ դառնալով ինձ, ասաց․  ― Ես ուզում էի մի լավ նեղանալ ժողկրթբաժվարի վրա, որ ամբողջ երկու օր հետաձգել է և չի հայտնել դպրոցին, բայց նա շրջան է գնացել։ Քարտուղարն այս բառերն արտասանեց ըստ երևույթին հանդարտ տոնով, բայց ես զգացի նրանց մեջ ինչ֊որ զսպված ջղայնություն։  ― Սխալն ուղղված է,― շարունակեց նա,― մի մտահոգվեք, եղեք հանգիստ, դպրոցի վարչությունը շուտով ձեզ կհայտնի հաստիքի վերականգնման մասին և դուք առաջվա նման կաշխատեք որպես դասատու և որպես ուսմասվար։  Ես մեծ գոհունակությամբ հրաժեշտ տվի քարտուղարին։  Վերջացան ուսումնական տարվա երկրորդ քառորդի աշխատանքները։ Վաղը ծնողական ժողովներում դաստիարակները կհայտնեն աշակերտների գնահատականները, զրույց կունենան ծնողների հետ տարվա երկրորդ կեսին դպրոցի և ընտանիքի միացյալ ջանքերով տարվելիք ուսումնադաստիարակչական աշխատանքների մասին։  Շուտով սկսվելու է դպրոցականների ձմեռային արձակուրդը։  ==XVI== Հայկուշը եկավ երկանիվ կառքով և իր հետ բերեց շրջգործկոմի նախագահության նոր որոշման քաղվածքը ի փոփոխումն առաջինի, մեր դպրոցում երկու ուսմասվարի հաստիքների անփոփոխ պահպանման մասին։  Անթառամ Մեսրոպյանը կոլեկտիվի անդամներին հրավիրեց թռուցիկ ժողովի և կարդաց շրջգործկոմի նոր որոշման քաղվածքը, որ ընդունվեց ծափահարությամբ։ Դիրեկտորը թռուցիկ ժողովը փակեց, հայտարարելով, թե դպրոցի հաղթանակը ապահովվեց կոլեկտիվի անդամների արդարացի բողոքի շնորհիվ, որ արժանացավ կուսակցության շրջկոմի խելացի պաշտպանությանն ու միջամտությանը։  Իմ դասվարների հետ ես վաղօրոք աշխատել էի և հսկել երրորդ քառորդի նրանց ուսումնական ծրագրերի վերադասավորման, այնպես որ առանձին լուրջ պատճառ չկա, որ արձակուրդն անցկացնեի գյուղում։  Երբ դիմեցի դիրեկտորին արձակուրդի օրերը Երևանում անցկացնելու խնդրով, նա իսկույն ընդառաջեց ինձ, հանձնարարելով սակայն հունվարի ութին լինել գյուղում, հաջորդ մեկ, գուցե և երկու օրերին շրջանի մանկավարժական կոնֆերանսին ներկա լինելու համար։  Նոր տարվա երեկոն անցկացրի Փառանձեմ Արշակյանի բնակարանում։ Մեծ ուրախություն եղավ և ես հաճելի ժամեր անցկացրի ընտանեկան մտերիմ շրջանակում։  Եկել էին Փառանձեմի քույրերն ու երկու աղջիկները իրենց ամուսինների ու երեխաների հետ, նոր տարվա երեկոն միասին անցկացնելու համար։  Իմ դժբախտ մոր մահվանից հետո, ահա արդեն տասներեք տարի է, առաջին անգամ է, որ ես նոր տարին դիմավորում եմ ընտանեկան ջերմ մթնոլորտում։  Հյուրասենյակում, որի առաստաղից մեծ ջահ էր կախված, շքեղ տոնածառ էին սարքել։ Փոքրիկ գույնզգույն լամպերը շողշողում էին եղևնու դալար ճյուղերի վրա, որի շուրջ պար բռնած Փառանձեմի թոռները երգում էին, թռչկոտում ու արտասանում թոթով լեզվով։ Ոգևորված բաժակաճառեր արտասանեցինք ջերմ բարեմաղթություններով։ Երեկոն անցկացրինք ուրախ երգ ու պարով։ Վաղը հունվարի մեկին կմեկնեմ Երևան։    =ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ= Ընդունելությունը ժամը տասներկուսից մինչև մեկն էր։ Ես մեծ անհամբերությամբ սպասեցի այդ ժամին, որպեսզի այցելեմ Լուսավորության մինիստրության դպրոցական բաժնի վարիչին։  Ճիշտ ժամանակին բաց արեցի նախասենյակի դուռը։ Քարտուղարը հայտնեց ինձ, որ Խորենյանը խիստ զբաղված է և իրեն կարգադրել է ոչ ոքի թույլ չտալ ներս մտնելու։  Տրամադրությունս ընկավ։ Պետք էր ամբողջ քսանչորս ժամ սպասել նորից գալու համար։  Հետևյալ օրը դարձյալ ինձ չհաջողվեց ընդունվել դպրոցական բաժնի վարիչի մոտ․ Խորենյանը դահլիճում ժողկրթբաժվարների խորհրդակցություն էր անցկացնում։  ==I== Շրջում էի ետ ու առաջ միջանցքում, երբեմն կանգ առնելով դռան մոտ այն դահլիճի, ուր տեղի էր ունենում խորհրդակցությունը։ Միջանցքում ինձնից բացի ոչ ոք չկար։ Ես աշխատում էի որսալ ներսի ձայները, որոնց խուլ արձագանքն էր միայն հասնում ինձ և որոնց մեջ չէի ջոկում ոչ մի բառ հստակորեն։ Հետաքրքրվում էի Խորենյանի ելույթով, որով անտարակույս պատասխանելու էր տեղերից հաղորդում անող ժողկրթբաժվարներին և հետագա գործունեության ուղիներ էր նշելու նրանց համար։ Հետաքրքրությունս այնքան մեծ էր, որ նույնիսկ փորձեցի մոտենալ դահլիճին, ականջս հպել դռանը, որոշ բառեր որսալու հույսով, բայց ապարդյուն։ Խոսողի ձայնի արձագանքն էր միայն հասնում ինձ։ Զգում էի, որ ելույթ ունեցողը խոսում է զգալի կրքոտությամբ։  Հանկարծ իմ բախտից դահլիճի դուռը բացվեց և ժողովականներից մեկը դուրս եկավ։ Նրա ետևից դուռը լրիվ չփակվեց, և փոքր բացվածքը, որ մնաց, ինձ հնարավորություն տվեց լսլու Խորենյանին։  «Ժողովրդական կրթության բնագավառի աշխատողներից,― ասում էր նա,― պահանջվում է առավել մաքրություն և ազնվություն, առավել նվիրվածություն աշխատանքում և օրինականության նախանձախնդրություն, մինչդեռ մենք ունենք տխուր փաստեր ոմանց կողմից վստահության չարաշահման և կատարած հակաօրինական քայլերի։ Եղել են ժողկրթբաժվարներ,― շարունակեց նա,― որոնք հանցավոր արարքներ են գործել․․․ Այդ միջոցին մեկը ներսից ծածկեց դահլիճի կիսաբաց դուռը, թույլ չտալով ինձ լսել հռետորի հետագա բառերը։  Շատ ցավեցի։ Ես դեռ մի քանի անգամ նորից ետ ու առաջ շրջեցի միջանցքում, մոտեցա դռանն ու հեռացա, նորից մի երջանիկ առիթի սպասելով, բայց հույսս իդերև եղավ։  Նույն կրքոտ ձայնի արձագանքն էր միայն լսվում ներսից։ Պարզ էր, որ Խորենյանը շարունակում էր իր նշանակումները ոմանց հասցեին։  Մի անգամ, երբ մոտեցել էի դահլիճի դռանը, հանկարծ այն բացվեց ու դուրս նետվեց Աննա Ալեքսանդրովնան, զայրույթից սևացած դեմքով ու քթի տակ մրթմրթալով։  Նա իմ մոտով անցավ արագ, մտավ իր առանձնասենյակը և ետևից դուռը ծածկեց շրխկոցով։   ==II== Հանդարտորեն ու մեծ֊մեծ փաթիլներով ձյուն էր գալիս։ Ճակտիս ու թարթիչներիս վրա զգում էի ձյան սառը հպումը, բայց արագաքայլ անցնում էի մի փողոցից մյուսը և ցուրտ չէի զգում։ Գնում էի լուսավորության մինիստրություն Խորենյանին այցելելու։ Երրորդ օրն էր, որ Երևանում էի և դեռ նրան չէի տեսել։  Խոստովանում եմ, առանց վարանումների չէր, որ որոշել էի մտադրությունս ի կատար ածել։ Մի պահ թվացել էր ինձ, թե այցելության համար ընտրել պաշտոնատեղին, այն էլ առանց աշխատանքի հետ կապված թեկուզ աննշան պատճառի, վայել չէ քիչ թե շատ լուրջ աղջկա համար, ինչպիսին ես ինձ համարում էի։  Բայց Խորենյանին տեսնելու ցանկությունս այնքան բուռն էր, որ հոգուս մեջ իվերջո լռեցին բոլոր կողմնակի ձայները, և քայլերս ուղղեցի դեպի մինիստրության շենքը։ Կոխորտելով ձյան փափուկ շերտերը, չզգալով ո՛չ ցուրտ, ո՛չ հոգնածություն, շտապաքայլ գնում էի երկայնաձիգ ու լայն պողոտայով, որի հեռվում երևում էր մինիստրության շենքը։ Ձյունը սկսել էր տեղալ հետզհետե ավելի մեծ փաթիլներով։ Սառը փաթիլներից պաշտպանվելու համար վերարկուիս օձիքը բարձրացրել էի մինչև ականջներս, և գլխահակ քայլում էի արագ ու շուրջս ոչ ոքի չէի նկատում։  Հանկարծ ծանոթ մի ձայն լսեցի, որ իմ անունն էր տալիս․ ― Արա՜քս․․․ Բարձրահասակ մի երիտասարդ ուղիղ իմ առաջն էր կանգնած, վերից վար ձյունով ծածկված գլխարկն իջեցրած աչքերին։  Ես նրան ճանաչեցի ձայնից,― Արտակն էր։ ― Ձյունն այնպես է ծածկել քեզ,― ասաց,― որ հազիվ թե ճանաչեի, եթե քայլվածքդ ու շարժումներդ քեզ չմատնեին։ ― Ի՜նչ բախտավորություն,― ասացի,― ես գալիս էի այցելության և ահա փողոցում․․․ ― Ուզում էիր այցելությա՞ն գալ․․․ ― Այո․․․ ― Իսկ ո՞ւր էիր գնում այսպես․․․ ― Լուսավորության մինիստրություն։ Նրա դեմքի վրա գծագրվեց մի ուրախ ժպիտ։ ― Ինչո՞ւ եք ժպտում,― հարցրի։ ― Այսօր կիրակի է,― ասաց,― չգիտեի՞ր։ Ծիծաղեցի, և այնքան բարձր, որ փողոցով անցնողները մի պահ դարձան դեպի մեզ։ ― Երբեք չէի մտածել այդ մասին,― ասացի։ ― Մեր տնից հեռու չենք,― ասաց Արտակը, ցույց տալով ինձ մի բաց դուռ, որ մեզնից մի տասը քայլ հազիվ լիներ,― ետ դարձիր, գնանք մեզ մոտ․․․ Ես այնքան հաճախ եմ պատմել մորս քո մասին, որ նա մեծ ցանկություն ունի քեզ տեսնելու։ Պատեհ առիթ է,― շարունակեց Խորենյանը,― նրան ուրախացնելու, իսկ ինձ ուղղակի կերջանկացնես քո այցելությամբ, գնանք։ Այս հրավերը ինձ շատ ուրախացրեց։ Նա ձեռքս պահում էր իր ափի մեջ, և ինձ ուղղած նրա հայացքոմ խնդրանք կար։ Պետք է նրա հանդեպ շատ անտարբեր լինեի, որպեսզի կարողանայի մերժել այս հրավերը։ ― Գնանք,― ասացի։ ==III== Արմիկ մայրիկը, այսպես էր Արտակի մոր անունը, ինձ ընդունեց սիրով և հետս քաղցրությամբ զրուցեց։ ― Շատ ուրախ եմ այցելությանդ համար,― ասաց նա,― Արտակը շատ է պատմել քո մասին, և ես մեծ հետաքրքրություն ունեի քեզ ճանաչելու։ Քո կյանքի պատմությունը մասամբ ինձ հայտնի է, որբ լինել,― շարունակեց,― հետո բանվոր դառնալ և միաժամանակ սովորել ինստիտուտում ու հաջող ավարտել, ամեն աղջկա գործ չէ, մեկ ուրիշը քո փոխարեն կարող էր հեշտությամբ կորչել․․․ դու քաջ աղջիկ ես և ես սիրում եմ քեզ նման քաջերին․․․ Խոսելիս Արմիկ մայրիկը նայում էր ինձ ու ժպտում։ Արտակը պատմեց մորը, թե մենք ինչպես հանդիպեցինք փողոցում, երբ ես փորձում էի գնալ դեպի մինիստրություն։  ― Կիրակի օրով ինչ մինիստրություն,― զարմացավ մայրը։  ― Օրս մոռացել էի,― ասացի։ Մայրը ծիծաղեց․․․ ― Իրավունք ունես,― ասաց,― ջահելությունը մոռանալ է տալիս ժամն ու ժամանակը։ Հետո փաղաքշորեն վարսերս շոյելով։ ― Քանի՞ տարեկան ես,― հարցրեց։ ― Քսաներեք։ ― Հազիվ քսան կերևաս,― ասաց։ Ու շարունակելով ուշադիր նայել ինձ, ասաց․ ― Արտակը, չգիտեմ ումից է իմացել, որ ձեր գյուղում քեզ «մեր խորոտ վարժուհի» են անվանում, և իսկապես ձեր գյուղացիք լավ ճաշակ ունեն։ Հետո վեր կացավ և ուղղվելով դեպի խոհանոց․ ― Հիմա տեսնեմ,― ասաց,― թե ինչով կարող եմ պատվել մեր խորոտ հյուրին։ Երբ ես առանձին մնացի Արտակի հետ, զգացի, որ շփոթվում եմ։ Ես որ նույնիսկ չեղած տեղից նյութ ստեղծելով զրուցակցիս զբաղեցնելու մեջ ինձ վարպետ եմ համարում, զգացի, որ լեզուս կարկամվել է և նյութ չեմ գտնում խոսելու։  Արտակն այդ զգացել էր անշուշտ, որ աշխատեց ինձ դուրս բերել ճնշված վիճակից և սկսեց հարցեր տալ իմ աշխատանքի վերաբերյալ։  Այն ժամանակ ես սկսեցի անկաշկանդ ու համարձակ խոսել, ես խոսեցի իմ պարապմունքների և աշակերտների առաջադիմության, դպրոցի գրադարանի և ուսումնաօժանդակ այլ օբյեկտների վիճակի, գյուղի աշխատավորության ու սովխոզի հարաբերության և վերջապես այն ամենի մասին, որոնք կազմում էին իմ հետաքրքրության առարկան։  Մեր զրույցի շրջանակը հետզհետե ընդլայնելով մենք սկսեցինք խոսել ժողովրդական կրթության սիստեմում նկատվող բացերի և այդ սիստեմի առավելությունների մասին։  Մի անգամ սակայն խոսքը մասնավորելով Էջմիածնին, Արտակն այն միտքը հայտնեց, որ մեր շրջանում ժողկրթության գործը վերակազմելու անհրաժեշտություն է զգացվում։  Ես չհարցրի, թե ինչի՞ց է բխում անհրաժեշտությունը, բայց Արտակը մանրամասնություններ գիտեր ուսումնական գործի թերություններից։ Վերջին անգամ սովխոզում ինձ հանդիպելուց հետո այցելել էր շրջանի որոշ դպրոցներ, հայտնաբերել ապօրինի նշանակումների փաստեր և Սուրենյանի գործունեության մասին հանգել էր բացասական եզրակացության։ Վաղուց էր, որ նրա հետ զրուցելու առիթ չէի ունեցել։ Կարոտել էի նրա տրամաբանելու և կշռադատելու եղանակին։ Խոսելիս նրա հոնքերի արանքում երկար ու խորունկ ծալք էր գոյանում, որ նրա դեմքին տալիս էր առանձին առնական գրավչություն։ Նայում էի նրան և հրճվում այն մտքից, որ առանձին եմ նրա հետ։ Արդեն չքացել էր ինձնից առաջին րոպեների շփոթմունքն ու վարանքը և խոսում էի ազատ ու անկաշկանդ։ Ես նրան պատմեցի մինիստրություն կատարած իմ այցելության անհաջող փորձի մասին։ ― Հասցեդ չգիտեի,― ասացի,― թեև ես այն կարող էի իմանալ, բայց այդ ինձ չէր օգնի քեզ այցելելու համար։ ― Ինչո՞ւ․․․ ― Եթե պատահեր, որ տանը չլինեիր, ես ինձ որպես ինչ ներկայացնեի Արմիկ մայրիկին։ ― Մայրիկս,― ասաց,― չէր զարմանա և քեզ կընդուներ սիրով, հերիք էր, որ անունդ տայիր, ես քեզ այնպես եմ նկարագրել, որ նա քեզ կճանաչեր առանց քեզ տեսած լինելու։  Ես այնպես էի տարվել զրույցով, որ մոռացել էի, թե մայրը ինձ հյուրասիրելու համար պատրաստություն է տեսնում։ Երբ նա ներս ու դուրս էր անում և լսեց իմ մեկնելու ցանկությունը․