Շատ ափսոսացի, որ իմ ընկերուհու ելույթը ինձ չհաջողվեց լրիվ լսել, բայց նրա վերջին մասի ունկնդրությունն էլ բավական եղավ, որ իմանամ թե կոնֆերանսում ժողկըրթբաժնի հասցեին քննադատական ելույթներ են եղել։
― Ընկեր Սուրենյանի զեկուցումն ուշադիր ունկնդողը,―ասաց հռետորը,― իսկույն կնկատեր, որ այն զարմանալի նման էր շրջանային կոնֆերանսներում նրա տված նախորդ զեկուցումներին։ Նույն գովքը սակավաթիվ երջանիկների և նույն հանդիմանությունները նույնպես սակավաթիվ դժբախտների հասցեին, հետո տոկոսներ, անվերջ անհատնում տոկոսներ․․․
Երևում է, որ զեկուցումը տոկոսներով հագեցնելը լավագույն միջոց է էական քիչ բան ասելով շատ բացեր ծածկելու։