Changes
Գիտակցությունները չեն կարող գոյատևել առանց մարմինների։ Մարվին Ֆլինը դանդաղ ու դժկամությամբ հասկացավ, որ կանգնած է անխուսափելի մահվան դեմ հանդիման։
==ԳԼՈՒԽ 6==
Մարվինը կուլ չգնաց հուսահատությանը։ Փոխարենը նա տրվեց զայույթին, որն ավելի առողջ զգացմունք է, սակայն հավասարապես անարդյունավետ։ Փոխանակ հիմարի պես դատարանում նվնվալու, նա հիմարի պես սլանում էր ֆեդերալ շենքի միջանքներով՝ պահանջելով կամ իր մարմինը, կամ կարգին փոխհատուցում։
Անհնար էր զսպել այդ տաքարյուն երիտասարդին։ Իզուր էին փաստաբանները բացատրում, որ եթե արդարություն իրոք գոյություն ունենար, ապա օրենքի ու իրավաբանների կարիք չէր լինի և այդպիսով կվերանար մարդկային ամենավեհ հասկացություններից մեկը ու անգործության կմատնվեր որակյալ մասնագետնրի մի ամբողջ խումբ։ Քանզի, ասում էին նրանք, օրենքի էությունը կայանում է նրանում, որ գոյություն ունեն չարաշահումներ և խախտումներ, այդ անհամատեղություններն են հենց օրենքի ու արդարադատության անհրաժեշտ լինելու ապացույցն ու հաստատումը։
Այս պարզ բացատրությունը, սակայն, խաղաղություն չբերեց մոլեգնած Մարվինին, որն այդպիսով ապացուցեց, որ ինքը խուլ է հորդորների հանդեպ։ Նա կոկորդը պատռելով բղավում էր, թե թքած ունի մարսային արդարադատության վրա։ Նրա ամոթալի պահելաձևին դիմանում էին միայն հաշվի առնելով, որ ջահել է և հետևաբար ոչ այնքան դաստիարակված։
Բայց զայրույթը ոչ մի արդյունք չտվեց և նույնիսկ Մարվինի հոգում կատարսիսի <ref>հուն․՝ մաքրում։ Արիստոտելի ներդրած տերմին։ Նշանակում է հոգեկան լիցքաթափում, որ առաջանում է ողբերգություն դիտող հանդիսատեսի մոտ վախի և կարեկցանքի հետևանքով։</ref> առողջարար երևույթներ չառաջացրեց։ Մի քանի դատական պաշտոնյա մատնանշեցին այդ փաստը և իր պատասխան միայն նվաստացուցիչ արտահայտություններ լսեցին։
Մարվինը չգիտեր, որ վատ տպավորություն է գործում բոլորի վրա։ Ինչևէ, որոշ ժամանակ անց նրա զայրույթն ինքնիրեն մարեց, փոխարենը մռայլ վրդովմունք թողնելով։
Հենց այդ վիճակում Ֆլինը մոտեցավ մի դռան, որի վրա գրված էր․ «Հետապնդման ու ձերբակալման բյուրո, միջաստղային բաժանմունք»։
― Ըհը,― մրմնջաց Մարվինը և ներս գնաց։
Նա հայտնվեց մի փոքրիկ սենյակում, որը կահավորված էր ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է հին պատմավեպերում։ Պատերի մոտ հպարտ շարվել էին հին, սակայն հուսալի էլեկտրոնային հաշվիչ մեքենանար։ Դռան մոտ հին կառուցվածքի մտքատպող թարգմանիչ էր դրված։ Բազկաթոռները կտրուկ ձևեր ուեին և պաստառված էին պաստելային գույնի պլաստիկատով, որը մեր պատկերացումների մեջ առնչվում է ավելի հանգիստ դարաշրջանի հետ։ Միայն պակասում էր ծանրաշարժ ու մեծածավալ «Մորաենին», և սենյակը կդառնար Շեքլիի կամ Անցման դարաշրջանի մյուս վաղ պոետներից մեկի նկարագրած պատկերների կրնկօրինակը։
Միջին տարիքի մի մարսեցի, աթոռին նստած, տեգիկներով խփում էր կանացի հետույքի ձև ունեցող նշանակետին։
Մարվինի ներս գալուն պես նա հապճեպ շրջվեց և ասաց․
― Ժամանկին եկաք, ես ձեզ սպասում էի։
― Իսկապե՞ս,― հարցրեց Մարվինը։
― Ճիշտն ասած, ոչ,― պատասխանեց մարսեցին։― Բայց ես հայտնաբերել եմ, որ այսպիսի սկիզբն արդյունավետ է և օգնում է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելուն։
― Հապա ինչո՞ւ եք ամեն ինչ փչացնում, ինձ ասելով։
Մարսեցին ուսը թոթվեց և ասաց․
― Դե, ոչ ոք կատարյալ չէ։ Ես ընդամենը շարքային խուզարկու եմ։ Անունս՝ Ուրֆ Ուրդոֆ։ Նստեք։ Մենք կարծես թե գտել ենք Ձեր կորած մուշտակի հետքը։
― Ի՞նչ մուշտակ,― հարցրեց Մարվինը։
― Դուք չե՞ք մադամ Ռիպեր դե Լոուն, տրանսվեստացի տիկինը, որին թալանել են անցյալ գիշեր «Կարմիր ավազաբլուրներ» հյուրանոցում։
― Իհարկե ոչ։ Ես Մարվին Ֆլինն եմ և կորցրել եմ մարմինս։
― Անշուշտ, անշուշտ,― ասաց խուզարկու Ուրդորֆը, գլուխը եռանդուն թափահարելով։― Եկեք կետ առ կետ քննենք։ Արդյոք պատահաբար չեք հիշում, թե որտեղ էիք, երբ առաջին անգամ նկատեցիք, որ ձեր մարմինը չկա։ Չէ՞ր կարող արդյոք ձեր ընկերներից մեկը կատակելու նպատակով այն վերցրած լինել։ Կամ հնարավո՞ր է, որ սխալմամբ ուրիշ տեղ եք դրել, կամ ուղարկել եք արձակուրդի։
― Իրականում ոչ թե կորցրել եմ,― ասաց Մարվինը,― այլ գողացել են։
― Հենց սկզբից էլ պետք է այդպես ասեիք։ Դա գործը միանգամից ուրիշ լույսի տակ է ներկայացնում։ Ես ընդամենը խուզարկու եմ, երբեք մտքեր կարդալու հավակնություն չեմ ունեցել։
― Ցավում եմ, որ սխալ բացատրեցի,― ասաց Մարվինը։
― Ես էլ եմ ցավում,― ասաց խուզարկու Ուրդորֆը։― Ցավում եմ, որ ձեր մարմինը կորել է։ Երևի տհաճ բան է։
― Այո, շատ։
― Ես լավ եմ հասկանում թե ինչ եք զգում։
― Շնորհակալություն։
Մի քանի րոպե բարյացակամ լռություն տիրեց։ Հետո Մարվինը ասաց․
― Դե՞։
― Ներեցե՞ք,― պատասխանեց խուզարկուն։
― Ես ասացի, դե՞։
― Ահ, ներողություն եմ խնդրում։ Առաջին անգամ ձեզ չլսեցի։
― Ոչինչ, ոչինչ։
― Շնորհակալություն։
― Խնդրեմ, խնդրեմ։
Կրկին լռություն տիրեց։ Հետո Մարվինը մի անգամ ևս ասեց՝ դե՞, և Ուրդորֆը պատասխանեց․
― Ներեցե՞ք։
― Ետ եմ ուզում,― ասաց Մարվինը։
― Ի՞նչը։
― Իմ մարմինը։
― Ձեր ինչը՞։ Ախ այո, ձեր մարմինը։ Հըմ, կուզեք, բա ինչ կանեք,― հասկացող ժպիտով ասաց Ուրդորֆը։― Բայց այնքան էլ հեշտ բան չի, չէ՞։
― Չգիտեմ,― ասաց Մարվինը։
― Չեմ էլ կասկածում, որ կիմանաք,― ասաց Ուրդորֆը։ Բայց կարող եմ հավատացնել ձեզ, որ այնքան էլ հեշտ բան չի։
― Ա՜, հասկանալի է,― ասաց Մարվինը։
― Չէի կասկածում, որ կհասկանաք,― ասաց Ուրդորֆը և ընկղմվեց լռության մեջ։
Այս անգամ լռությունը տևեց մոտ քսանհինգ վայրկյան։ Ի վերջո, Մարվինի համբերությունը հատեց և նա գոռաց․
― Գրողը տանի մի բան անելո՞ւ եք մարմինս ետ բերելու համար թե՞ մտադիր եք անվերջ նստած մնալ ձեր հաստ հետույքին և խոսել առանց կոնկրետ բան ասելու։
― Իհարկե ետ եմ բերելու ձեր մարմինը,― ասաց խուզարկուն։― Կամ, ամեն դեպքում, պիտի փորձեմ։ Եվ կարիք չկա վիրավորելու։ Ի վերջո ես մեքենա չեմ, որ պատրաստի պատասխաններով լցված լինեմ։ Ես ճիշտ ձեզ նման բանական արարած եմ, իմ հույսերով ու մտավախություններով և, ի դեպ, հարցաքննության իմ ուրույն ձևն ունեմ, որը գուցե ձեզ անարդյուանվետ թվա, բայց իմ տեսակետից շատ օգտակար է։
― Իրո՞ք,― փափկելով հարցրեց Մարվինը։
― Այո, իրոք,― պատասխանեց խուզարկուն, որի մեղմ ձայնը հիշաչարության ոչ մի հետ չէր պարունակում։
Ուր որ է նոր լռություն էր սկսվելու, ուստի Մարվինը հարցրեց․
― Ինչպիսի՞ հնարավորություն ունեմ․․․ ունենք իմ մարմինը ետ ստանալու․․․
― Գերազանց հնարավորություն,― պատասխանեց խուզարկու Ուրդորֆը։― Ես հաստատ համոզված եմ, որ շուտով ձեր մարմինը կգտնեք։ Փաստորեն, ես կարող եմ հեռու գնալ ու ասել, որ վստահ եմ հաջողությանը։ Ես դա ասում եմ ոչ թեհիմնվելով ձեր մասնակի դեպքի ուսումնասիրության վրա, այլ ելնելով վիճակագրական տվյալներից։
― Իսկ այդ տվյալները հուսադրո՞ղ են,― հարցրեց Մարվինը։
― Անտարակույս։ Ինքներդ դատեք․ ես հմուտ խուզարկու եմ, ծանոթ բոլոր նոր մեթոդներին, իմ արդյունավետության գործակիցը բարձրագույնն է՝ ԱԱ֊Ա։ Այդուհանդերձ, պրակտիկ գործունեությանս հինգ տարվա ընթացքում երբեք ոչ մի գործ չեմ բացել։
― Ոչ մի հա՞տ։
― Ոչ մի հատ,― աներկբայորեն ասաց Ուրդորֆը։― Հետաքրքիր է, չէ՞։
― Այո,― ասաց Մարվինը,― բայց արդյոք դա չի՞ նշանակում․․․
― Դա նշանակում է,― ասաց խուզարկուն,― որ, ըստ վիճակագրության, անհաջողությունների իմ երբևէ տեսած կամ լսած ամենաանսովոր շարանը ընդհատվելու վրա է։
Մարվինը շփոթմունքի մեջ ընկավ, իսկ դա մարսային մարմնում անսովոր զգացում է։ Նա ասաց․
― Բայց ենթադրենք շարանը չընդհատվի։
― Հարկավոր չէ սնահավատ լինել,― պատասխանեց խուզարկուն։― Հավականությունն ասում է, որ պիտի ընդհատվի, իրավիճակի նույնիսկ թռուցիկ քննությունը պետք է ձեզ համոզի այդ բանում։ Ես չեմ կարողացել բացել 158 գործ իրար ետևից։ Ձերը 159֊րդն է։ Եթե գրազ գայից, ո՞ւմ օգտին կդնեիք ձեր դրամը։
― Շարանի շարունակման,― ասաց Մարվինը։
― Ես նույնպես,― ինքնադատապարտող ժպիտը դեմքին համաձայնեց խուզարկուն։― Բայց մենք երկուսս էլ սխալ կլինեինք՝ գրազ բռնած ավելի շուտ մեր զգացմունքների, այլ ոչ թե բանականության հաշվարկների հիման վրա։― Ուրդորֆը երազկոտ նայեց առաստաղին։― Հարյուր հիսունո՜ւթ ահնաջողություն։ Դա ֆանտաստիկ ռեկորդ է, անհավատալի ռեկորդ, հատկապես եթե հաշվի առնենք իմ անկաշառությունը, բարեխղճությունը և վարպետությունը։ Հարյուր հիսունո՜ւթ։ Այդպիսի շարանը պարտավո՛ր է ընդհատվել։ Ես կարող էի պարզապես նստել գրասենյակում ու ոչինչ չանել, և հանցագործն ինքը կգար ինձ մոտ։ Հավանականությունն այդ աստիճան իմ կողմն է։
― Այո, սըր,― քաղաքավարի ասաց Մարվինը։― Բայց հույս ունեմ, որ չեք փորձարկի այդ մոտեցումը։
― Ոչ, ոչ, իհարկե, ոչ,― ասաց Ուրդորֆը։― Դա հետաքրքիր կլիներ, բայց ոմանք կարող էին ճիշտ չհասկանալ։ Ոչ, ձեր գործը ես կվարեմ ակտիվորեն, նամանավանդ որ դա սեքսուալ հանցագործություն է, իսկ ես շատ եմ հետաքրքրվում նման բաներով։
― Ներեցե՞ք,― ասաց Մարվինը։
― Ներողություն խնդրելու կարիք չկա,― հավաստացրեց խուզարկուն։― Հարկավոր չէ հուզվել կամ մեղավոր զգալ սեքսուալ հանցագործության զոհ դառնալու դեպքում, թեկուզև շատ քաղաքակրթությունների խորին ժողովրդական իմաստությունը ամոթալի է համարում զոհ դառնալը, համարելով, որ նա գիտակցական կամ անգիտակից մեղսակցություն է կրում։
― Ոչ, ոչ, ես ներողություն չէի խնդրում,― ասաց Մարվինը,― ես պարզապես․․․
― Ես շատ լավ հասկանում եմ,― ասաց խուզարկուն։― Բայց դուք չպետք է քաշվեք պատմել ինձ բոլոր արտառոց ու զզվելի մանրամասները։ Դուք պետք է ինձ համարեք անդեմ պաշոնական մեքենա, այլ ոչ թե գիտակցի արարած իր սեռական զգացմունքներով, մտավախություններով, պահանջներով, քմահաճություններով և ցանկություններով։
― Ասածս այն էր,― ընդհատեց Մարվինը,― որ այս գործի մեջ սեքսուալ հանցանք չկա։
― Բոլորն էլ այդպես են ասում,― բարձրաձայն խոսեց խուզարկուն։― Տարօրինակ է, թե մարդկային միտքը ինչպես է հավերժ խուսափում ընդունել անընդունելին։
― Լսեք,― ասաց Մարվինը,― եթե դուք նեղություն կրեիք ծանոթանալ փաստերին, կտեսնեիք, որ դա մաքուր խարդախություն է եղել։ Շարժառիթները՝ փող և ինքնահավերժացում։
― Ես տեղյակ եմ,― ասաց խուզարկուն։― Եվ եթե ծանոթ չլինեի սուբլիմացիայի <ref>(Այստեղ) սեռական եռանդի գիտակցական փոխակերպում ֆիզիկականի և այլն</ref> պրոցեսին, կարող էի համաձայնել ձեզ հետ։
― Բայց ի՞նչ դրդապատճառ կարող էր ունենալ հանցագործը,― հարցրեց Մարվինը։
― Դրդապատճառն ակներև է,― ասաց Ուրդորֆը։― Տիպիկ սինդրոմ։ Այդ մարդը գործել է սպեցիֆիկ հարկադրանքի ազդեցության տակ, որի համար հատուկ բնորոշում գոյություն ունի։ Նրան մղել է այդ քային սևեռուն պրոյեկտիվ նարցիսիզմի <ref>(Այստեղ) հիվանդագին ինքնասիրահարվածության պաթոլոգիկ երևույթ</ref> ծանր վիճակը։
― Չհասկացա,― ասաց Մարվինը։
― Եթե մասնագետ չես, այդպիսի բաների հետ դժվար թե ընդհարվես,― պատասխանեց խուզարկուն։
― Բայց ի՞նչ է նշանակում։
― Դե, չեմ կարող խորանալ բոլոր պատճառական կապերի մեջ, բայց ըստ էության, սինդրոմի հիմնական գիծը տեղաշարժված ինքնասիրահարվածությունն է։ Դա նշանակում է, որ սինդրոմով տառապողը սիրահարվում է մեկ ուրիշին, բայց ոչ որպես ուրիշի։ Ավելի շուտ, նա սիրահարվում է Ուրիշին որպես Ինքնիրեն։ Նա պրոյեկում է իրեն Ուրիշի անձի մեջ, բոլոր տեսակետներից ինքնիրեն նույնացնելով Ուրիշի հետ և ուրանալով սեփական անձը։ Եվ եթե կարողանա տիրանալ այդ Ուրիշին, լինի դա գիտակցափոխության կամ այլ բանի միջոցով, ապա այդ Ուրիշը կդառնա նրա սեփական անձը, որի հանդեպ արդեն տածում է միանգամայն նորմալ նարցիսային ինքնասիրահարվածություն։
― Մի՞թե ուզում եք ասել,― հարցրեց Մարվինը,― որ այդ գողը սիրել է ինձ։
― Ամենևին։ Կամ ավելի ճիշտ, նա ձեզ չի սիրել որպես ձեզ՝ որպես առանձին անձի։ Նա հանձին ձեզ սիրել է ինքնիրեն, և այսպիսով նրա այդ նևրոզը ստիպել է նրան դառնալ դուք, որպեսզի կարողանա սիրել ինքնիրեն։
― Եվ հենց որ նա դրաձավ ես,― հարցրեց Մարվինը,― արդեն հնարավորություն ստացավ սիրել ինքնիրե՞ն։
― Միանգամայն ճիշտ է։ Այդ երևույթը կոչվում է էգո֊ի աճ։ Ուրիշին տիրանալը հավասար է նախասկզբնական Ես֊ին տիրանալուն․ տիրանալը վերածվում է իքնատիրանալու, սևեռուն պրոյեկցիան վերափոխվում է նորմատիվ անգիտակից համաձուլման։ Նևրոտիկ նպատակակետին հասնելու պես ախտանշանները թուլանում են և սինդրոմով տառապողը հայտնվում է պսևդոնորմալ վիճակի մեջ, որի դեպքում նրա հիվանդությունը կարելի է հայտնաբերել միայն արտաքին նշանների միջոցով։ Դա, իհարկե, մեծ ողբերգություն է։
― Զոհի՞ համար։
― Այո, անշուշտ, նրա համար նունպես,― ասաց Ուրդորֆը։― Բայց ես մտածում էի սինդրոմով տառապողի մասին։ Բանն այն է, որ այս դեպքում երկու կատարելապես նորմալ մղումները միանում են, կամ հատվում և, այդպիսով, այլասերվում։ Սերը սեփականանձի նկատմամբ նորմալ է և անհրաժեշտ, նույնը կարելի է ասել տիրանալու և վերափոխվելու տենչի մասին։ Բայց միասին վերցրած, դրանք կործանարար են իսկական «Ես»֊ի համար, որը դուրս է մղվում այսպես կոչված «Հայելային էգո»֊ի կողմից։ Նևրոզը փակում է դեպի օբյեկտիվ իրականություն տանող դուռը։ Որքան էլ որ անհեթեթ է, անձի ամբողջացումն ի չիք է դարձնում առողջ հոգեկան վիճակի բոլոր հույսերը։
― Դե լավ,― հնազանդվեց Մարվինը։― Դա կօգնի՞ մեզ գտնել իմ մարմինը գողացողին։
― Դա մեզ հնարավորություն կտա հասկանալ նրան,― ասաց խուզարկուն։― Գիտելիքն ուժ է․ մենք հենց սկզիբց գիտենք, որ մեր փնտրած մարդը պետք է որ նորմալ գործի։ Դա լայնացնում է մեր գործողությունների շրջանակը և հնարավորություն տալիս գործել այնպես, ասես նա նորմալ է։ Շատ մեծ առավելություն է սկզբի համար այսպիսի ելակետ կամ ընդհանրապես որևէ ելակետ ունենալը, հավատացեք ինձ։
― Ե՞րբ կարող եք սկսել,― հարցրեց Մարվինը։
― Արդեն սկսել եմ,― պատասխանեց խուզարկուն։― Ես իհարկե կպահանջեմ դատական գրառումները և այս գործի հետ կապված բոլոր մանցած փաստաթղթերը և լրացուցիչ տեղեկությունների համար կկապնվեմ ուրիշ մոլորակների իշխանության մարմինների հետ։ Ջանք չեմ խնայի և կճանապարհորդեմ մինչև տիեզերքի վերջը, եթե անհրաժեշտ լինի, կամ ցանկալի։ Ես կլուծեմ այս խնդիրը։
― Շատ ուրախ եմ, որ այդպես եք տրամադրված,― ասաց Մարվինը։
― Հարյուր հիսունո՜ւթ անընդմեջ դեպք,― բարձրաձայն խորհրդածում էր Ուրդորֆը։― Երբեև լսե՞լ եք անհաջողությունների նման շարանի մասին։ Բայց այս անգամ դրա վերջը գալու է։ Ախր հո անվերջ չի՞ շարունակվելու, չէ՞։
― Չեմ կարծում։
― Կուզեի, որ ղեկավարներս էլ այդ տեսակետն ունենային,― մռայլ ասաց խուզարկուն։― Կուզեի, որ դադարեին ինձ դմբո անվանել։ Նման բառերը, ինչպես նաև քմծիծաղներն ու վեր բարձրացրած հոնքները, սասանում են մարդու ինքնավստահությունը։ Բարեբախտաբար, ես երկաթյա կամք ունեմ ու աներևակայալի ինքնավստահություն։ Կամ գոնի ունեի առաջին իննսուն անհաջողությունների ժամանակ։
Խուզարկուն մի քանի րոպե մռայլ միտք արեց, հետո ասաց Մարվինին․
― Եզ ձեզնից լրիվ ու բացարձակ համագործակցություն եմ սպասում։
― Եվ կստանաք,― ասաց Մարվինը,― միակ դժվարությունն այն է, որ վեց ժամ էլ չանցած ինձ զրկելու են այս մարմնից։
― Ա՜յ քեզ անհաջողություն,― մտացիրվ ասաց Ուրդորֆը։ Նա ակնհայտորեն մտածում էր հետաքննության մասին և միայն դժվարությամբ կրկին ուշադրությունն ուղղեց Մարվինին։― Զրկելո՞ւ։ Ուրեմն, հուսով եմ, ուրիշ միջոցներ եք ձեռնարկել։ Ո՞չ։ Դե, այդ դեպքում, երևի կձեռնարկեք։
― Չգիտեմ, այդ ինչ միջոցներ պիտի ձեռնարկեմ,― մռայլ ասաց Մարվինը։
― Դե, ես հո չե՞մ կարող ձեր ամբողջ կյանքը նախագծել,― նեղսրտած գռմռաց խուզարկուն։ Ինձ վարժեցրել են մի աշխատանքի համար, և այն փաստը, որ շարունակ անհաջողություններ եմ կրել, դեռ չի նշանակում, թե ինձ վարժեցրել են մի այլ աշխատանքի համար։ Ուստի ձեր այդ մարին ճարելու հարցերը պետք է ինքնուրույն լուծեք։ Հասկացեք, խաղագումարները չափից ավելի մեծ են։
― Գիտեմ,― ասաց Մարվինը։― Մարմին գտնելն ինձ համար կյանքի ու մահվան հարց է։
― Հըմ, այո, դա նույնպես,― ասաց խուզարկուն։― Բայց ես նկատի ունեի ձեր գործի հետաքննությունը և այն կործանարար ազդեցությունը, որ կթողներ ձեր մահն այդ հետաքննության վրա։
― Ա՛յ թե ասելու բան գտաք,― ասաց Մարվինը։
― Ես չէի մտածում իմ խաղագումարի մասին,― ասաց խուզարկուն։― Թեև ես էլ խաղագումար ունեմ դրած։ Բայց ավելի կարևոր է Արդարության գաղափարը և հավատը, որ կհաղթնակի բարին, որից պիտի կախված լինեն չարի վերաբերյալ բոլոր տեսությունները, ինչպես նաև հավանականությոնների վիճակագրական տեսությունը։ Եվ բոլոր այս խիստ կարևոր կոնցեպցիաները կարող են ուժել իմ հարյուր հիսունիններորդ անհաջողության պառճառով։ Եվ կարծում եմ կընդունեք, որ սրանք ինչ֊որ տեղ ավլի կարևոր հարցեր են, քան յուրաքանչյուրիս խղճուկ կյանքը։
― Ոչ, չեմ ընդունի,― ասաց Մարվինը։
― Դե լավ, չարժե այդ մասին վիճել,― զվարթ համաձայնեց խուզարկուն։― Մի տեղից ձեզ ուրիշ մարմին գտեք և, ամենակարևորը, կենդանի մնացեք։ Ուզում եմ ինձ խոստանաք, որ ջանք չեք խանյի կենդանի մնալու համար։
― Խոստանում եմ,― ասաց Մարվինը։
― Իսկ ես կհետաքննեմ ձեր գործը և կկապնվեմ ձեզ հետ, հենց որ հաղորդելու բան ունենամ։
― Բայց ինչպե՞ս պետք է գտնեք ինձ,―հարցրեց Մարվինը։― Ես չգիտեմ, թե ինչ մարմնի մեջ կլինեմ, կամ նույնիսկ ինչ մոլորակում։
― Դուք մոռանում եք, որ ես խուզարկու եմ,― ասաց Ուրդորֆը, թույլ ժպտալով։― Գուցե ես դժվարանամ գտնել հանցագործին, բայց երբեք մազաչափ իսկ չեմ դժվարացել զոհերին գտնելիս։ Ես այդ մասին տեսություն ունեմ, որն ուրախ կլինեմ ձեզ հետ քննարկել, հենց որ երկուսս էլ ժամանակ ունենանք։ Բայց առայժմ միայն հիշեք․ որտեղ էլ լինեք, կամ ինչ վիճակում էլ հայտնվեք, ես անշուշտ կգտնեմ ձեզ։ Ուստի մի վհատվեք, խիզախ կացեք և, ամենագլխավորը, կենդանի մնացեք։
Մարվինը համաձայնեց կենդանի մնալ, քանի որ ամեն դեպքում այդպիսի մտադրություն ուներ։ Եվ այդպես էլ առանց մարմին դուրս եկավ շենքից, մինչդեռ թանկարժեք ժամանակը անցնում էր։
==ԳԼՈՒԽ 7==
ՎԵՐՆԱԳԻՐ ՄԱՐՍ ՍԱՆ֊ՆՅՈՒՍՈՒՄ
(Եռամոլորակ հրատարակություն)
ՍԿԱՆԴԱԼ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
Մարսի և Տերրայի ոստիկանական մարմինները հայտնեցին գիտակցափոխային սկանդալի մասին։ Որոնվում է սմն Զե Կրագգաշ, մոլորակացեղային ծագումը՝ անհայտ, որն, ըստ տեղեկությունների, վաճառել, գիտակցափոխել կամ այլ եղանակներով տնօրինել է իր մարմինը միաժամանակ տասներկու հոգու։ Զե Կրագգաշի ձերբակալման հրամանաթղթերը ստորագրվել են և երեք մոլորակների շրջանային ոստիկանությունը վստահ է, որ շուտով հաղորդելու բան կունենա։ Այս դեպքը հիշեցնում է 90֊ականների սկզբի «Երկգլխանի Էդիի» տխրահռչակ սկանդալը, որը․․․
Մարվին Ֆլինի թուլացած մատների միջից լրագիրն ընկավ առուն։ Նա դիտում էր, թե ինչպես են հոսող ավազները տանում այն․ թերթի կտորի դառն անցողիկությունը իր իսկ վերին ասիտճանի պայմանական գոյության խորհրդանիշը թվաց։ Մարվինը հայացքը հառեց ձեռքերին, հուսահատ իջեցրեց գլուխը․․․
― Դե, դե, ի՞նչ է պատհաել, ջահել։
Ֆլինը նայեց վեր և իր առջև տեսավ էրլանցու կապտականաչ բարի մի դեմք։
― Գործերս լավ չեն,― ասաց Ֆլինը։
― Պատմի լսենք,― ասաց էրլանցին, երեքտակվելով Մարվինի կողքը՝ մայթի վրա։ Ինչպես և իր ցեղի բոլոր ներկայացուցիչները, էրլանցու մոտ արագ կարեկցանքը համատեղվում էր կոշտուկոպիտ պահելաձևի հետ։ Էրլանցիները հայտնի էին որպես բիրտ, սրամիտ մարդիկ, որոնք սիրում են բարեհոգի, ուրախ կատակներ ու ժողովրդական ասացվածնքեր։ Լինելով հանրահռչակ ճանապարհորդներ ու առևտրականներ, Էրլան 2-րդի էրլանցիներն ըստ իրենց հավատի պարտավոր էին ճանապարհորդել in corpore <ref>Սեփական մարմնով (լատ․)</ref>։
Մարվինը պատմեց իր պատմությունը սկզբից մինչև անմխիթար ու ալեկոծ այժմը, դաժան ու անողորմ այժմը, անոթի այժմը, որ խժռում է րոպեների ու վայրկյանների նրա աղքատիկ պաշարը, հորձանքի մեջ առած տանելով դեպի այն պահը, երբ վեց ժամերը կթռնեն֊կանցնեն և ինքը, անմարմին, կշպրտվի այն անծանոթ գալակտիկան, որ մադրիկ կոչում են «մահ»։
― Ա՜յ քեզ պատմություն,― բացականչեց էրլացին։― Ինքդ քեզ մի քիչ խղճում ես, չէ՞։
― Ճիշտ եք, գրողը տանի, խղճո՛ւմ եմ,― զայրույթից բռնկվելով ասաց Մարվինը։― Եվ կխղճայի ամեն մեկին, եթե նա վեց ժամից մեռնելու լիներ։ Ինչո՞ւ պիտի ինքս ինձ չխղճամ։
― Ոնց ուզում ես, այնպես էլ արա, քեզ ո՞վ է բան ասում,― պատասխանեց Էրլացին։― Չգիտեմ, թե ինչպես ուրիշները, բայց ես Գուաժուայի ուսմունքի կողմն եմ, որն ասել է՝ մա՞հն է կողքիդ ֆսֆսում, տուր դրա քթին։
Մարվինը հարգում էր բոլոր կրոնները և իհարկե բոլորովին դեմ չէր լայն տարածված հակախորհրդածային ծիսակատարությանը։ Սակայն նա չէր տեսնում, թե Գուժուայի խոսքերն ինչով կարող էին օգնել իրեն և այդպես էլ ասաց։
― Քեզ մի լավ թա՛փ տուր,― բացականչեց Էրլացին։― Խելքդ դեռ տեղն է, վեց ժամ էլ ունես, չէ՞։
― Հինգ ժամ։
― Դե ուրեմն ետևի թաթերիդ վրա կանգնի ու մի քիչ տղամարդու պես պահի քեզ։ Լացուկոծ անելով նույն տեղում քարշ գալուց ի՞նչ օգուտ։
― Ես էլ գիտեմ, որ օգուտ չկա,― ասաց Մարվինը։― Բայց ի՞նչ անեմ։ Մարմին չունեմ, ծախու մարմիններն էլ չափից դուրս թանկ են։
― Այդ մեկը ճիշտ է։ Իսկ Անկախ շուկան մտքովդ չի՞անցել։ Ի՞նչ կասես։
― Բայց ասում են դա վտանգավոր է,― ասաց Մարվինը և շառագունեց, իր ասածի անմտությունը զգալով։ Էրլացին քմծիծաղեց։
― Տեղ հասա՞վ, ջահել։ Բայց լսի, ամեն ինչ կորած չի, մենակ թե քեզ մի լավ թափ տուր։ Անկախ շուկան այդքան վատ բան չի, չնայած շատ են ավել֊պակաս խոսում դրա մասին․ խոսք տարածողները մեծ գիտակցափոխական գործակալություններն են, որոնք ուզում են իրենց առանց այդ էլ ուռացրած կապիտալիստական գներն ավելի մեծացնեն։ Բայց ես մի ծանոթ տղա ունեմ, որն արդեն քսան տարի այնտեղ կարճատև տեղափոխման վրա է ու նա ինձ ասում է, որ տղերքի մեծ մասի վրա հարյուր տոկոսով կարելի է հույս դնել։ Այնպես, որ գլուխդ բարձր պահի, կրծքապանակդ՝ ուղիղ ու լավ միջնորդ ճարի։ Բարով մնաս, ջահել։
― Մի րոպե սպասեք,― գոչեց Մարվինը, երբ էրլացին ոտքի գալարվեց։― Ձեր ընկերոջ անունը ի՞նչ է։
― Ջեյմս Վիրչու <ref> Virtue(անգլ․)― առաքինություն</ref> Մաքհոնըրի,― ասաց էրլացին։― Նա բռի, գործնական, անխելք, փոքր֊մոքր մարդ է, շատ է սիրում կարմրած խաղող, իսկ խմած ժամանակ կռիվը փողով է առնում։ Բայց գործի մեջ մաքուր է ու ազնիվ, իսկ դրանից ավելի բան նունիսկ սուրբ Քսալից էլ չես կարող պահանջել։ Կասես, որ քեզ Փենգլ Սրախոսն է ուղարկել։ Գնաս բարով։
Ֆլինը Սրախոսին ի սրտե շնորհակալություն հայնտեց, ստիպելով, որ այդ կոշտուկոպիտ, սակայն բարեսիրտ ջենտլմենը անհարմար զգա։ Հետո ոտքի կանգնեց և քայլեց, սկզբից դանդաղ, հետո ավելի արագ, դեպի Քվեյնը, որի հյուսիսարևմտյան կողմում գտնվում էին Անկախ շուկայի կրպակները։ Եվ նրա հույսերը, որոնք մեռնելու վրա էին, սկսեցին կրկին արթնանալ՝ թեկուզև երկչոտ։ Իսկ մոտակա կեղտափոսում պատառոտված լրագիրն ավազի հոսանքով լողում էր դեպի հավերժական ու հանելուկային անապատը։
― Հե՜յ, էստեղ համեցեք, էստե՜ղ։ Նոր մարմիններ հների փոխարե՜ն։ Ընտրեք որը կամենում եք, նոր մարմիններ հների փոխարե՜ն։
Մարվինը սարսռաց, լսելով այդ հինացուրց փողոցային կանչը, ինքնին այնքան ամնեղ և սակայն գիշերային մթին հեքիաթներ հիշեցնող։ Վարանելով, նա առաջ էր գնում փողոցների և ծառուղիների խճճված լաբիրինթոսով, հայտնվում փակուղիներում և բակերում, որոնցից կազմված էր Անկախ շուկայի հին մասը։ Ամեն կողմից առաջարկներ էին լսվում։
― Հարկավոր են բերքահավաքներ Դրագհե՜դայում։ Ցանկացողները կապահովվեն առողջ մարմիններով, ինչպես նաև տելեպատիայով։ Կոմունալ և կուլտուրական լրիվ սպասարկում, ամսական հիսուն վարկ աշխատավարձ և C_3 կարգի հաճույքների լրիվ ցուցակ։ Հենց հիմա կազմվում են հատուկ երկամսյա պայմանագրեր։ Բարի գալուստ գեղեցիկ Դրոգհեդա՝ բերք հավաքելու։
― Զինվորագրվեք նայգվինյան բանա՜կ։ Ունենք քսան շարքային մարմին, ինչպես նաև մի քանի հատուկ մարմին կրտսեր սպաների աստիճաններով։ Բոլոր մարմիններն օժտված են լրիվ ռազմական ունակություններով։
― Աշխատավաձն ինչքա՞ն է,― վաճառողին դիմեց մի տղամարդ։
― Ձեր օրապահիկը և ամիսը մեկ վարկ։
Տղամարդը քմծիծաղեց ու շրջվեց, որ գնա։
― Եվ,― շարունակեց առևտրականը,― թալանելու անսահամանափակ իրավունք։
― Դե, դա ոչինչ,― դժկամությամբ ասաց տղամարդը։― Բայց նայգվինացիք արդեն տասը տարի է, ինչ պարտվում են այդ պատերազմում։ Կորուստների տոկոսը մեծ է, իսկ նոր մարմինների հոսքը՝ փոքր։
― Այժմ ամեն բան այլ կերպ է ընթանալու,― ասաց վաճառողը։― Դուք, ինչպես տեսնում եմ, փորձվա՞ծ վարձկան եք։
― Այո,― պատասխանեց այցելուն։― Անունս Շոն ֆոն Արդին է, ես մասնակցել եմ տիեզերքի այս հատվածի համարյա բոլոր մեծ պատերազմներին, չհաշված բազմաթիվ փոքրները։
― Վերջին կոչո՞ւմը։
― Ջևալադեր՝ կոմս Գանիմեդի բանակում,― ասաց ֆոն Արդինը։― Բայց մինչև այդ Լրիվ քթուզիսի աստիճան ունեի։
― Լավ, լավ,― ասաց վաճառողը, ըստ ամենայնի տպավորված։― Ուրեմն ասում եք Լրիվ քթո՞ւզիս։ Փաստաթղթեր կա՞ն։ Դե լավ, հիմա ասեմ, թե ինչ կարող եմ ձեզ համար անել։ Ես կարող եմ ձեզ նայգվինյան բանակաում Երկրորդ կարգի լամանտինային առաջնորդի կոչում առաջարկել։
Ֆոն Արդինը կնճռոտվեց ու սկսեց մատների վրա հաշվել։
― Այսպես, ուրեմն, Երկրորդ կարգի լամանտինային առաջնորդը հավասար է կիկլոպային Կիսահովիտին, որը մի քիչ ավելի ցածր է, քան անաքզորյան Դրոշակարքան, և համարյա կես աստիճան ավելի ցածր, քան դորիական Ծերուկը։ Դա նշանակում է․․․ Է՜, եթե ձեզ միանամ, մի ամբողջ աստիճան կկորցնեմ։
― Ախր ինձ մինչև վերջ չլսեցիք,― շարունակեց վաճառողը։― Դուք այդ կոչումով կծառայեք քսանհինգ օր, ապացուցելու համար մտադրությունների ազնվությունը, որին նայգվինյան քաղաքական ղեկավարները շատ մեծ կարևորություն են տալիս։ Հետո ձեզ միանգամից երեք աստիճան կբարձրացնենք ու կդարձնենք Մելանոան սուպերիոս, որը ձեզ գերազանց հնարավորություն կընձեռի ժամանակավոր Նիզակ֊Ջումբայտի կոչում ստանալու և միգուցե․․․ չեմ կարող ձեզ խոստանալ, բայց կարծում եմ ոչ պաշտոնականորեն կարող եմ հաջողացնել․․․ միգուցե ձեզ նշանակել տամ Թալանմայստեր Էրիդսվուրգի ռազմավարը բաժանելիս։
― Դե,― ասաց ֆոն Արդինը, սեփական կամից անկախ տպավորված,― եթե կարողանաք հաջողացնել։
― Ներս եկեք խանութ,― ասաց վաճառողը,― ես նախ զանգահարեմ․․․
Մարվինը քայլում էր ականջ դնելով, թե ինչպես տասնյակ ցեղերի պատկանող մարդիկ սակարկում են հարյուրավոր ցեղերի պատկանող վաճառողների հետ։ Անթիվ առաջարկներ էին տեղում նրա վրա։ Մարվինը ոգևորվել էր այդ աշխույժ շուկայում։ Առաջարկները, թեև երբեմն շփոթեցնող էին, սակայն հետաքրքրություն էին գրգռում։
― Սենթիս աստղախմբում պահանջվում է ուտիճ֊մա՜րդ։ Լավ ռոճիկ, ուրախ ընեկարական շրջապատ։
― Պահանջվում է արտագրող Քավենգիի կեղտոտ գրքի համա՜ր, որը պետք է կարողանա ըմբռնել միդրիդարյան ցեղի սեքսուալ հակումերը։
― Արկտուրուսում հարկավոր են այգեգործնե՜ր։ Համեցեք հանգիստ վայելելու գալակտիկայի միակ մտածող֊բանջարեղենների շրջապատում։
― Վեգա 4֊րդում պահանջվում են վարպետ ձեռնաշղթայողնե՜ր։ Պետք կգան նաև կիսահմուտ սանձահարողներ։ Բոլոր արտոնություններով։
Որքա՜ն հնարավորություններ կային գալակտիկայում։ Մարվինին մի պահ թվաց, որ գուցե իր անհաջողությունը ծպտված բարեբախտություն է եղել։ Նա ցանկցալ էր ճանապարհորդել, բայց համեստությունը թույլ չէր տվել, որ երազեր զբոսաշրջիկ լինելուց բացի այլ բաների մասին։ Իսկ ինչքա՜ն ավլեի լավ, ավելի հաճելի կլիներ ճամփորդել որևէ առիթով։ Ծառայել նայգվինյան բանակում, ապրել որպես ուտիճ֊մարդ, սովորել, թե ինչ բան է ձեռնաշղթայողը, մինչև անգամ արտագրություններ անել Քավենգիի կեղտոտ գրքից։
Ուղեղ գլխավերևում Մարվինը մի ցուցանակ տեսավ․ «Ձեյմս Վիրչու Մաքհոնըրի՝ կարճատև տեղափոխությունների պատենավոր միջնորդ։ Երաշխավորում ենք գործի հաջողությունը»։
Մինչև գոտկատեղը հասնող վաճառասեղանի մոտ կանգնած սիգար է ծխում մի կոշտուկոպիտ, գործնական, ծուռբերան, փոքրահասակ մարդ՝ ծակող կոբալտակապույտ աչքերով։ Դա կարող էր լինել ոչ այլ ոք, քան ինքը՝ Մաքհոնըրին։ ԼՈւռ ու ամբարտավան, նրա մտքով իսկ չէր անցնում գովել իր ապրանքը։ Փոքրիկ մարդը ձեռքերը կրծքին ծալած դիտում էր կրպակին մոտեցող Մարվինին։
==ԳԼՈՒԽ 8==
Նրանք կանգնել էին դեմ հանդիման՝ Ֆլինը թույլ կզակը կախած, Մաքհոնըրին՝ շուրթերը պինդ սեղմած։ Մի քանի վայրկյան լռություն տիրեց։ Հետո Մաքհոնըրին ասաց․
― Լսի, ջահել, այստեղ քեզ համար կրկես չի, ես էլ քեզ համար ծաղրածու չեմ, գրողը տանի։ Թե բան ունես ասելու, երգի։ Թե չէ, ճամփադ շարունակի, քանի ոսկորդներդ չեմ կոտրել։
Մարվինը միանգամից տեսավ, որ այդ մարդը քծնամոլ, քաղցրալեզու մարմին վաճառողներից չէ։ Մաքհոնըրիի ճռճռան ձայնի մեջ ստորաքարշության ակնարկ իսկ չկար, ոչ էլ վար ծռված բերանում՝ հաճոյանալու ձգտում։ Ահա մի մարդ, որն ասում էր ինչ մտքով կանցներ և չէր անհանստանում հետևանքների համար։
― Ես․․․ ես հաճախորդ եմ,― ասաց Ֆլինը։
― Մե՛ծ բան,― խռպոտ բացականչեց Մաքհոնըրին։― Հիմա ի՞նչ է, ուրախությունից գլուխկոնծի՞ տամ։― Նրա չարախինդ պատասխանը և բռի, անկախ պահելաձևը Մարվինին վստահություն ներշնչեցին։ Նա, իհարկե, գիտեր, որ արտաքինը կարող էր խաբուսիկ լինել, սակայն ախր ուրիշ ի՞նչ կերպ է կարելի մեկնումեկի մասին կարծիք կազմել։ ՄԱրվինը հակված էր վստահելու այդ հպարտ ու չար մարդուն։
― Ես մի քանի ժամվա ընթացքում պետք է բաժանվեմ այս մարմնից,― բացատրեց Մարվինը։― Քանի որ սեփական մարմինս գողացել են, ես փոխարինող մարմնի անհետաձգելի կարիք եմ զգում։ Փող շատ քիչ ունեմ, բայց ուզում եմ ու պատրաստ եմ աշխատել։
Մաքհոնըրին սևեռուն նայեց Մարվինին և նրա ամուր սեղմած շրթունքները ծռվեցին սարդոնական ժպիտից։
― Ուրեմն պատրաստ ես աշխատե՞լ, հա՞։ Լավ է, ազնիվ խոսք։ Բայց որպես ի՞նչ ես մտադիր աշխատել։
― Ինչ պատահի։
― Հա՞։ Օրինակ, կարո՞ղ ես գործարկել մոնքալմամետաղե խառատահաստոց՝ ղեկավարման գերզգայուն վահանակով և ձեռքի խոտանիչով։ Չէ՞։ Իսկ գուցե գլուխ հանես մասնիկների ակընթարթային սեպարատորի՞ց։ Դա էլ ճաշակովդ չի, հը՞․․․ Վեգայում մի վիրաբույժ ունեմ, որը մարդ է ման գալիս իր ներվ֊իմպուլսային֊շեղման֊սիմուլյատորը ղեկավարելու (հին մոդել, երկու պեդալով)։ Դա էլ ուզածդ չի՞։ Մենք Պոտեմկին 2֊րդում ջազ֊բանդ ունենք, որին ստամոքսաեղջյուրահար է պետք, իսկ Բոյոթսում մի ռեստորան, որը կարիք ունի քթենսիսյան ճաշատեսակներ լավ իմացող խոհարարի։ Հը, էլի չբռնե՞ց։ Միգուցե կարող ես ծաղիկնե՞ր հավաքել Մորիգլիայում, իհարկե, պետք է ի վիճակի լինես ամենաշատը հինգ վայրկյանում կանխազգալ, թե որն է ծաղկելու։ Կամ կարող ես մարմնակետային զոդում անել, թե որ քաջությունդ հերիքի, կամ ֆիլոպոդ ռեկլամային պրոյեկտ ղեկավարել, կամ սողացող ընձյուղի միջանկյալ սիստեմներ կառուցել, կամ․․․ բայց չեմ կարծում, որ ասածներիցս մեկնումնեկը սրտիդ մոտ է, հը՞։
<references/>