«Խնջույք ճամփեզրին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 2656. Տող 2656.
  
― Դեհ, տղերք, ― հիացմունքով ասաց Ռեդրիկը, ― այ, հիմա մենք կարգին քեֆ կանենք։
 
― Դեհ, տղերք, ― հիացմունքով ասաց Ռեդրիկը, ― այ, հիմա մենք կարգին քեֆ կանենք։
 +
 +
 +
==4․ Ռեդրիկ Շուխարտ, 31 տարեկան==
 +
 +
 +
Գիշերվա ընթացքում հովիտը սառել էր, իսկ լուսաբացին արդեն ցրտեց։ Նրանք քայլում էին հողաթմբի վրայով, ոտքերը դնելով ժանգոտած ռելսերի միջև ընկած փտած կոճերին, և Ռերդրիկը նայում էր, թե խտացած մառախուղի կաթիլներն ինչպես են փայլփլում  Արթուր Բարբրիջի կաշվե բաճկոնի վրա։ Տղան շատ թեթև էր քայլում, ուրախ, ասես չէր եղել տառապալից գիշերը, չէր եղել այդ ջղային լարվածությունը, որի պատճառով մինչև հիմա ցնցվում էին նրա բոլոր ջղերը, չէին եղել ամայի բլրի թաց գագաթին այն երկու սոսկալի ժամը, որ նրանք անցկացրին տանջալի կիսաքուն վիճակում, մեջք մեջքի տված, որ տաքանան, սպասելով մինչև անցնի «կանաչի» հոսանքը, որը բլրից իջավ ու անհետացավ ձորում։
 +
 +
Հողաթմբի երկու կողմում թանձր մառախուղ էր։ Մերթ ընդ մերթ մեգը ծանր ու  գորշ շիթերով սողում էր ռելսերի վրա, ու այդ ժամանակ նրանք առաջ էին գնում մինչև ծնկները խրված դանդաղ, քուլա֊քուլա գալարվող մշուշի մեջ։  Թաց ժանգի հոտ էր գալիս, հողաթմբի աջ կողմում գտնվող ճահճից նեխահոտ էր փչում։ Շուրջը ոչ մի բան չէր երևում, բացի մշուշից, բայց Ռեդրիկը գիտեր․ որ երկու կողմից էլ ձգվում է քարքարոտ հարթավայրը, իսկ հարթավայրից այն կողմ կանգանած են միգապատ լեռները։ Ու նաև գիտեր, որ երբ արևը դուրս գա, ու մառախուղը ցող դառած իջնի գետնին, ինքը ձախ կողմում պիտի տեսնի ջարթված ուղղաթիռի կմախքը, իսկ առջևում՝ փոքրիկ վագոններ, ու հենց այդ ժամանակ էլ կսկսվի իսկական գործը։
 +
 +
Առանց քայլերը դանդաղեցնելու, Ռեդրիկը ձեռքը տարավ մեջքի և ուսապարկի  արանքը ու ավելի վեր բարձրացրեց ուսապարկը, որ հելիումով լի բալոնի ծայրը չցավեցնի մեջքը։ Ծանր է իժը, ես ո՞նց պիտի սրանով սողամ։ Մեկուկես կիլոմետր․․․ Լավ, մի՛ նվնվա, ստալկեր, գիտեիր ուր ես գնում։ Ճանապարհի վերջում քեզ է սպասում հինգ հարյուր հազարը, այնպես որ մի քիչ քրտնի։ Հինգ հարյուր հազար, համեղ պատառ է, չէ՞։ Հինգ հարյուր հազարից ոչ մի կոպեկ պակաս․․․ Եվ Գիշակերին էլ երեսունից ավելի չեմ տա․․․ Իսկ լակոտի՞ն․․․ Լակոտին ոչ մի բան։ Թե որ քավթառ սրիկան գոնե կեսճշմարտությունն է ասել, ապա լակոտին․․․ ոչ մի բան։
 +
 +
Նա նորից հայացքը գցեց Արտուրի մեջքին ու որոշ ժամանակ աչքերը կկոցած նայում էր, թե նա ինչպես թեթև է քայլում միանգամից երկու կոճի վրայով, նայում էր նրա լայն ուսերին, նեղ կոնքին և քրոջ մազերի պես երկար ու սև մազերին, որոնք ցնցվում էին քայլերին համաչափ։ Ինքը մեջ ընկավ, ինքը ուզեց, մռայլված մտածում էր Ռեդրիկը։ Ինքը։ Ու ինչո՞ւ էր այդպես աղաչում։ Ամբողջ մարմնով դողում էր, աչքերն արցունքոտվել էին․․․ «Ինձ տարեք, միստր Շուխարտ։ Ինձ տարբեր մարդիկ առաջարկել են, բայց ես միայն ձեզ հետ կուզեի, ախր նրանք բանի պետք չեն։ Հայրս․․․ բայց դե նա հիմա չի կարող»։ Ռեդրիկը ճիգ գործադրեց, որ չհիշի այս ամենը։ Այդ մասին մտածելն իսկ զզվելի էր, ու, թերևս, այդ պատճառով էլ նա սկսեց մտածել Արթուրի քրոջ մասին։ Ուղղակի ցնդելու բան է՝ այդքա՜ն շքեղ կին, իսկ իրականում դատարկ, խաբկանք, անկենդան տիկնիկ և ոչ թե կին։ Ոնց որ իր մոր կոֆտայի կոճակները, հիշեց նա, սաթից կոճակները, կիսաթափանցիկ, ոսկեգույն, ինքը միշտ ուզում էր  այդ կոճակները գցել բերանն ու ծծել, սպասելով մի արտասովոր քաղցրության, ու երբ բռնում էր այդ կոճակներն  ու ծծում, սոսկալի հիասթափվում էր, բայց հետո միշտ մոռանում էր հիասթափության մասին, նույնիսկ ոչ թե մոռանում էր, այլ պարզապես հրաժարվում էր հավատալ սեփական հիշողությանը՝ հենց որ տեսնում էր այդ կոճակները։
 +
 +
Իսկ գուցե հայրիկը ի՞նքն է սրան ուղարկել ինձ մոտ, մտածեց նա Արթուրի մասին։ Հրեն ոնց է ուռած հետևի գրպանը․․․ Չէ՛, դժվար։ Գիշակերն ինձ լավ գիտի։ Գիշակերը գիտի, որ ինձ հետ հանաք անել չի լինի։ Ու գիտի, թե ես ով եմ Գոտում։ Չէ, հիմար բաներ եմ մտածում։ Ո՜վ ասես, որ ինձ չի խնդրել, ո՜վ ասես արցունք չի թափել, ուրիշները նույնիսկ ծնկաչոք են աղաչել։ Ւսկ առաջին անգամ եկողները միշտ էլ ատրճանակ են վերցնում հետները։ Առաջին ու վերջին անգամ։ Մի՞թե սրանը վերջինն է։ Վա՜յ, վերջինն է, տղաս։ Ախր տես ինչ է ստացվում, Գիշակեր, վերջին անգամ։ Հա, հայրիկ, դու որ իմանայիր սրա մտադրությունը, հենակներով ջարդուփշուր կանեիր քո լակոտին, Գոտի եկողին։ Նա հանկարծ զգաց, որ առջևում ինչ֊որ բան կա, ոչ թե հեռվում, այլ երեսուն֊քառասուն մետր հեռավորության վրա։
 +
 +
― Կանգնի՛ր, ― ասաց նա Արթուրին։
 +
 +
Տղան հնազանդորեն քարացավ տեղում։ Նա լավ էր արձագանքում Ռեդրիկի հրամաններին․ քարացավ տեղում, ոտքը գետին չդրած, իսկ հետո դանդաղ ու զգուշորեն ոտքն իջեցրեց գետնին։
 +
 +
Ռեդրիկը կանգ առավ նրա կողքին։ Երկաթգիծն այստեղ նկատելիորեն ցած էր իջնում ու լրիվ կորչում էր մշուշում։ Եվ այնտեղ, մշուշի մեջ, ինչ֊որ բան կար։ Խոշոր ու անշարժ ինչ֊որ բան։ Անվտանգ բան։ Ռեդրիկը ռունգերով զգուշորեն հոտոտեց օդը։ Այո։ Անվտանգ։
 +
 +
― Առա՜ջ, ― ասաց նա ցածրաձայն, սպասեց մինչև Արթուրը քայլի ու գնաց նրա հետևից։ Աչքի պոչով նա տեսնում էր Արթուրի դեմքը, նրա գեղեցիկ կիսադեմը, այտերի նուրբ մաշկը, բարակ բեղերի տակ վճռականորեն սեղմված շրթունքները։
 +
 +
Նրանք մինչև գոտկատեղը խրվեցին մշուշի մեջ, հետո մինչև պարանոցները, իսկ ևս մի քանի վայրկայն անց առջևում երևաց վագոնների կույտը։
 +
 +
― Վերջ, ― ասաց Ռեդրիկը և ուզեց մեջքից իջեցնել ուսապարկը։ ― Նստիր, որտեղ որ կանգնած ես։ Դադար։
 +
 +
Արթուրն օգնեց նրան ուսապարկը հանել, իսկ հետո իրար կողքի նստեցին ժանգոտ ռելսի վրա։ Ռեդրիկը բացեց ուսապարկը, հանեց ուտելիքով փաթեթը, սուրճով թերմոսը, և մինչ Արթուրը բացում էր փաթեթն ու դասավորում բուտերբրոդները ուսապարկի վրա, նա ծոցից հանեց տափաշիշը, կափարիչը պտտեց և, աչքերը փակելով, մի քանի դանդաղ կում արեց։
 +
 +
― Կխմե՞ս, ― առաջարկեց նա, ափով սրբելով տափաշշի բերանը։ ― Որ չվախենաս․․․
 +
 +
Արթուրը նեղացած թափահարեց գլուխը։
 +
 +
― Ես չեմ վախենում, միստր Շուխարտ, ― ասաց նա։ ― Եթե թույլ կտաք՝ ես սուրճ կխմեմ։ Շատ խոնավ է այստեղ, չէ՞։
 +
 +
― Խոնավ է, ― համաձայնեց Ռեդրիկը։ Նա պահեց տափաշիշը, վերցրեց մի բուտերբրոդ ու սկսեց ծամել։ ― Այ, հիմա մառախուղը կցրվի, ու դու կտեսնես, որ չորս կողմը համատարած ճահիճ է։ Առաջ այս կողմերում անտանելի մոծակ կար, սարսափելի բան էր․․․
 +
 +
Նա լռեց ու սուրճ լցրեց իր համար։ Սուրճը տաք էր, թանձր ու քաղցր, և հիմա սուրճն ավելի հաճելի էր, քան վիսկին։ Սուրճից տան հոտ էր բուրում։ Գուտայի հոտը։ Եվ ոչ թե պարզապես Գուտայի, այլ տնային խալաթով Գուտայի, քնից նոր արթնացած, բարձից այտի վրա մնացած սպիով Գուտայի․․․ Ւզուր համաձայնեցի, մտածեց նա։ Հինգ հարյուր հազար․․․ Իսկ ինչի՞ս է պետք այդ հինգ հարյուր հազարը։ Հո դրանով պանդոկ չե՞մ գնելու․․․ Փողը պետք է, որ փողի մասին չմտածես։ Դա ճիշտ է։ Դիկը դա լավ ասաց։ Տունը կա, այգին կա, Հարմոնտում առանց աշխատանքի չես մնա․․․ Խաբեց ոնց որ լակոտի․․․
 +
 +
Միստր Շուխարտ, ― հանկարծ ասաց Արթուրը, հայացքն ուրիշ կողմ հառած, ― դուք լրջորեն հավատո՞ւմ եք, որ դա կատարում է ցանկությունները։
 +
 +
― Չէ՜ մի, ― ցրված պատասխանեց Ռեդրիկն ու իսկույն էլ քարացավ, բաժակը բերանին մոտեցրած։ ― Իսկ դու որտեղի՞ց գիտես, թե մենք ինչի համար ենք Գոտի եկել։
 +
 +
Արթուրը շփոթված ծիծաղեց, ձեռքը մտցրեց սևաթույր մազերի մեջ, խառնշտորեց ու ասաց․
 +
 +
― Գլխի եմ ընկել․․․ Ես հիմա չեմ էլ հիշում, թե հատկապես ինչից գլխի ընկա․․․ Դե, նախ, հայրիկը առաջ միշտ խոսում էր այդ Ոսկե գնդի մասին, իսկ վերջերս հանկարծ դադարեց խոսել ու դրա փոխարեն շուտ֊շուտ սկսեց ձեր տուն գալ, իսկ ես հո գիտեմ, որ դուք բոլորովին էլ ընկերներ չեք, ինչ էլ որ հայրս ասի․․․ Հետո նա վերջերս մի տեսակ տարօրինակ է դարձել, ― Արթուրը նորից ծիծաղեց ու գլուխն օրորեց, ինչ֊որ բան հիշելով։ ― Իսկ վերջնականապես համոզվեցի, երբ դուք նրա հետ դաշտում փորձում էիք դիրիժաբլը․․․ Նա ձեռքով թփթփացրեց ուսապարկին, որտեղ դրված էր օդապարիկի ամուր փաթաթված թաղանթը։ ― Անկեղծ ասած, ես այն ժամանակ ձեզ հետևում էի, ու երբ տեսա, ոնց եք քարերով լցված պարկը բարձրացնում, արդեն լրիվ ամեն ինչ հասկացա։ Իմ կարծիքով, Գոտում էլ ոչ մի ծանր բան չի մնացել, բացի Ոսկե գնդից։ ― Նա կծեց բուտերբրոդը, ծամեց ու խոսեց մտախոհ, բերանը լիքը։ ― Ես միայն մի բան չեմ հասկանում, թե ո՞նց պիտի բռնեք գունդը, նա, երևի, հարթ կլինի․․․
 +
 +
Ռեդրիկը բաժակի վերևից նայում էր նրան ու մտածում, թե որքան տարբեր են իրարից հայրն ու տղան։ Նրանք ոչ մի բանով նման չէին։ Ոչ դեմքով, ոչ ձայնով, ոչ հոգով։ Գիշակերի ձայնը խռպոտ է, մի տեսակ քծնող, ստոր, բայց երբ նա խոսում է գնդի մասին, ապա չտեսնվա՜ծ էր խոսում։ Հնարավոր չէր նրան չլսել։ «Շեկ, ― ասում էր նա այն ժամանակ, փռվելով սեղանի վրա։ ― Ախր մենք երկուսս ենք մնացել, բայց երկուսս՝ երկու ոտք ունենք, ու երկուսն էլ քոնն են․․․ Ո՞ւմը պիտի լինի, եթե ոչ քոնը։ Դա, երևի, ամենաթանկ բանն է, որ եղել է Գոտում․․․ Ո՞ւմ բաժինը պիտի դառնա, հը՞։ Հո էն փսլնքոտներին չի հասնելու, էն մեքենայով գործ անողներին․․․ Ախր դա ես եմ գտել, ե՛ս։ Մերոնցից քանի՜֊քանի՜սն են այդ ճանապարհին զոհ գնացել։ Իսկ գտնողը ե՛ս եմ։ Ու ինձ համար եմ պահել։ Եվ հիմա ոչ ոքի չէի տա, բայց թե ձեռքերս, տեսնում ես, կարճացել են։ Քեզնից բացի՝ ոչ ոքի։ Ինչքա՜ն կաթնակերների եմ բան հասկացրե՝ չեն կարողացել, դրանց ոսկորն էն չի․․․ Դե լավ, չե՞ս հավատում, մի՛ հավատա։ Քեզ փող է պետք։ Կտաս ինձ ու ինչքան որ փող ուզես՝ կստանաս, հո գիտեմ, որ դու խղճով ես, չես նեղացնի․․․ Իսկ ես, ով գիտի, մեկ էլ տեսար ոտքերս հետ բերի։ Ոտքերս, հասկանո՞ւմ ես։ Ոնց որ Գոտին ոտքերս խլեց, միգուցե Գոտին էլ հետ տա․․․»։
 +
 +
― Ի՞նչ, ― հարցրեց Ռեդրիկը սթափվելով։
 +
 +
― Ես հարցրի՝ կարելի՞ է ծխել, միստր Շուխարտ, ― ասաց Արթուրը։
 +
 +
― Այո, ― ասաց Ռեդրիկը։ ― Ծխի, ծխի․․․ Ես էլ կծխեմ։ Նա թափով խմեց սուրճը, հանեց մի սիգարետ ու, ձեռքի մեջ տրորելով, հայացքը հառեց նոսրացող մառախուղին։ Ցնդա՛ծ, մտածեց նա։ Խելագար։ Տականքին ոտքեր են պետք․․․
 +
 +
Այս բոլոր խոսակցություններից նրա հոգում մի ինչ֊որ նստվածք էր կուտակվում, մի անհասկանալի նստվածք։ Եվ ժամանակի ընթացքում այդ նստվածքը չէր վերանում, ընդհակառակը, կուտակվում էր ու կուտակվում։ Ու անհասկանալի էր, թե դա ինչ բան է, և դա խանգարում էր, ասես Գիշակերը ինչ֊որ բանով վարակել էր իրեն, բայց ոչ թե գարշանքով, այլ հակառակը․․․ Երևի ուժով, հա՞։ Չէ, դա ուժ չէր։ Իսկ ինչո՞վ։ Դե, լավ, ասաց նա ինքն իրեն։ Արի այսպես մտածենք։ Ենթադրենք ես չեկա այստեղ։ Արդեն պատրաստվել էի, ուսապարկս դասավորել էի, ու հանկարծ ինչ֊որ մի բան պատահեց․․․ Դե, ասենք, ինձ բռնեցին։ Վատ կլիներ, հա՞։ Իհարկե, վատ կլիներ։ Ինչո՞ւ պիտի վատ լիներ, փողերը կկորչեին։ Չէ, հարցը փողը չէ․․․ Այլ, որ դա պիտի տականքների ձեռքն ընկնի։ Խռպոտների ու Ոսկրոտների։ Ճիշտ է, այստեղ տհաճ բան կա։ Մի տեսակ ափսոս է։ Բայց ինձ ի՜նչ․․․ Միևնույն է, վերջ ի վերջո ամեն ինչ նրանց ձեռքն է ընկնում․․․
 +
 +
― Բըռ․․․ ― Արթուրը ցնցեց ուսերը։ ― Խոնավությունը ոսկորներիս մեջ է մտնում։ Միստր շուխարտ, գուցե հիմա կտա՞ք մի կում անեմ։
 +
 +
Ռեդրիկն անխոս հանեց տափաշիշն ու մեկնեց նրան։ Բայց չէ որ ես միանգամից չհամաձայնեցի, հանկարծ մտածեց նա։ Քսան անգամ քշեցի Գիշակերին, իսկ քսանմեկերորդ անգամ, այնուամենայնիվ, համաձայնեցի։ Չգիտեմ ինչու՝ չկարողացա քշել։ Ու մեր վերջին խոսակցությունն էլ կարճ էր ու գործնական։ «Բարև Շեկ, քարտեզը բերել եմ։ Միգուցե, այնուամենայնիվ, նայե՞ս»։ Իսկ ես նայեցի նրա աչքերին՝ դեղին, սև կետերով աչքերին, ու ասացի․ «Տուր»։ Եվ վերջ։ Հիշում եմ, որ այդ օրը խմած էի, ամբողջ շաբաթ խմած էի, սիրտս պայթում էր․․․ Ա՜հ, գրողը տանի, ամեն ինչ մեկ է․․․ Որոշեցի ու վերջ։ Ի՞նչ եմ հիմա ցնդածի պես քչփորում․․․ Գուցե վախենո՞ւմ եմ։
 +
 +
Նա ցնցվեց։ Հանկարծ մառախուղի միջից լսվեց երկար ու թախծոտ ճռինչ։ Ռեդրիկը վեր թռավ գնդակի պես, ու իսկույն էլ գնդակի պես վեր թռավ Արթուրը։ Բայց արդեն նորից լռություն էր, ու միայն նրանց ոտքերի տակից խշխշալով ցած էր թափվում մանր խիճը։
 +
 +
― Երևի ապարներն են թափվում, ― վեհերոտ, հազիվհազ արտասանելով բառերը, շշնջաց Արթուրը։ ― Ապարով վագոնները․․․ վաղուց են այստեղ կանգանծ․․․
 +
 +
Ռեդրիկը նայում էր ուղիղ իր դիմաց ու ոչինչ չէր տեսնում։ Նա հիշեց։ Գիշեր էր։ Ինքը զարթնեց հենց այդպիսի ձայնից՝ թախծոտ ու երկար, նվաղելով ինչպես երազի մեջ։ Միայն թե դա երազ չէր։ Դա Կապիկն էր ճչում՝ նստած իր անկողնու մեջ, պատուհանի մոտ։ Գուտան էլ զարթնեց ու բռնեց Ռեդրիկի ձեռքը, ու նա զգաց, որ կնոջ ուսը միանգամից պատվեց սառը քրտինքով։ Եվ նրանք այդպես պառկել ու ականջ էին դնում, իսկ երբ Կապիկը լռեց ու պարկեց, նա մի քիչ էլ սպասեց, հետո վեր կացավ, գնաց խոհանոց ու ագահորեն խմեց կես շիշ կոնյակ։ Եվ հենց այդ գիշերվանից էլ սկսեց խմել։
 +
 +
― Ապարը, ― ասաց Արթուրը։ ― Գիտեք, ժամանակի ընթացքում ապարն սկսում է մաղվել։ Խոնավությունից, էրոզիայից, հազարումի բանից․․․
 +
 +
Ռեդրիկը նայեց նրա գունատված դեմքին ու նորից նստեց։ Սիգարետը ընկել էր մատների արանքից, ու նա նորը վառեց։ Արթուրը մի քիչ էլ կանգնած մնաց, վախվորած աջուձախ պտտելով գլուխը, հետո նույնպես նստեց ու կամաց ասաց․
 +
 +
― Ես գիտեմ, պատմում են, որ իբր Գոտում ապրողներ կան։ Ինչ֊որ մարդիկ։ Ոչ թե եկվորներ, այլ հենց մարդիկ։ Իբր Այցելության ժամանակ նրանք պատահաբար այստեղ են եղել, ու հետո այդ մարդիկ փոխակերպվել են․․․ հարմարվել են նոր պայմաններին։ Դուք այդպիսի բան լսե՞լ եք․ միստր Շուխարտ։
 +
 +
― Այո, ― ասաց Ռեդրիկը։ ― Միայն թե նրանք այստեղ չեն։ Լեռներում են, հյուսիս֊արևմուտքում։ Հովիվներ են․․․
 +
 +
Այ թե նա ինձ ինչով վարակեց։ Իր խելագարությամբ վարակեց։ Այ թե ինչու, ուրեմն, ես եկա այստեղ․․․ Ինչ֊որ մի տարօրինակ և շատ նոր զգացողություն էր դանդաղորեն համակում նրան։ Նա գիտակցում էր, որ այդ զգացողությունը բնավ էլ նոր չէ, որ վաղուց արդեն բուն էր դրել իր մեջ, բայց հիմա միայն ինքը դա հասկացավ, ու ամեն ինչ ընկավ իր տեղը։ Եվ այն, ինչ առաջ հիմարություն էր թվում, ցնդած ծերուկի խելացնոր զառանցանք, այժմ դարձավ միակ հույսը, կյանքի միակ իմաստը, որովհետև հենց հիմա նա հասկացավ՝ աշխարհում միակ բանը, որ ինքը դեռ ունի, միակ բանը, հանուն որի ինքն ապրում էր այս վերջին մի քանի ամիսը՝ հույսն էր, որ հրաշք պիտի լինի։ Ինքը՝ հիմարը, ապուշը, վանում էր այդ հույսը, ոտնակոխ անում, ծաղրում, կոնծում էր այդ հույսը, որովհետև դրան էր սովոր, որովհետև մանկուց սովորել էր ոչ մեկի վրա հույս չդնել, բացի ինքն իրենից, և որովհետև մանկուց ինքն իր վրա հույս դնելը նրա համար արտահայտվում էր կանաչ թղթադրամների  քանակով, որ հաջողվում էր պոկել, թռցնել իրեն շրջապատող անտարբեր քաոսից։ Միշտ է եղել այդպես, ու դարձյալ այդպես կլիներ, եթե վերջ ի վերջո չհայտնվեր այն քաոսում, որտեղից նրան չէին կարող դուրս հանել և ոչ մի փողով, և որտեղ լրիվ անիմաստ ու անհեթեթ բան էր ինքն իր վրա հույս դնելը։ Իսկ հիմա այդ հույսը, նույնիսկ ոչ թե հույսը, այլ հրաշքի հավատը, համակեց նրա ողջ էությունը, ու նա հիմա զարմանում էր, թե ինչպես էր կարողանում ապրել անլուսաշող ու անելանելի խավարում․․․ Նա ծիծաղեց ու խփեց Արթուրի ուսին․
 +
 +
― Հը՞, ստալկեր, ― ասաց նա, ― ի՞նչ ես կարծում, դեռ կապրենք, չէ՞։
 +
 +
Արթուրը զարմացած նայեց նրա վրա ու անվստահ ժպտաց։ Իսկ Ռեդրիկը ձեռքի մեջ տրորեց բուտերբրոդների  թուղթը, գցեց վագոնիկի տակ ու պառկեց ուսապարկի վրա, արմունկով հենվելով գետնին։
 +
 +
― Դե լավ, ― ասաց նա։ ― Ենթադրենք, թե այդ Ոսկե գունդը իսկապես կա․․․ Դու ի՞նչ կցանկանայիր։
 +
 +
― Ուրեմն դուք, այնուամենայնիվ, հավատո՞ւմ եք, ― իսկույն հարցրեց Արթուրը։
 +
 +
― Դա կարևոր չէ՝ հավատում եմ, թե ոչ։ Դու իմ հարցին պատասխանիր։
 +
 +
Հանկարծ նրա համար իրոք շատ կարևոր եղավ, թե այսպիսի մի ջահելը, կաթնակերը,  երեկվա դպրոցականը ինչ կարող է խնդրել Ոսկե գնդից, ու նա զվարճալի հետաքրքրությամբ նայում էր, թե Արթուրն ինչպես է խոժոռում դեմքը, հայացքը գցում է իր վրա ու նորից թաքցնում աչքերը։
 +
 +
― Դե, իհարկե, հորս ոտքերը․․․ ― վերջապես խոսեց Արթուրը։ ― Որ տանը ամեն ինչ լավ լինի․․․
 +
 +
― Սուտ ես ասում, ― բարեհոգաբար ընդհատեց նրան Ռեդրիկը։ ― Դու, եղբայրս, նկատի ունեցիր, Ոսկե գունդը կատարում է միայն նվիրական, ամենակարևոր ցանկությունները, որոնք եթե չկատարվեն, ավելի լավ է պարանը վիզդ գցես ու կախվես։
 +
 +
Արթուր Բարբրիջը կարմրեց, նորից հայացքը գցեց Ռեդրիկի վրա ու իսկույն էլ ցած նայեց, ամբողջովին կաս֊կարմիր կտրեց, նույնիսկ աչքերն արցունքով լցվեցին։ Ռեդրիկը քմծիծաղեց նրան նայելով․
 +
 +
― Ամեն ինչ հասկանալի է, ― գրեթե քնքշորեն ասաց նա։ ― Լավ, դա իմ գործը չէ, գաղտնիքդ քեզ պահիր․․․ Ու հանկարծ հիշեց ատրճանակի մասին ու մտածեց, որ քանի դեռ ժամանակ կա, պետք է ամեն ինչ հաշվի առնել, ամեն ինչ։ ― Այդ ի՞նչ է հետևիդ գրպանում, ― հարցրեց նա իմիջիայլոց։
 +
 +
― Ատրճանակ, ― փնչացրեց Արթուրն ու շրթունքը կծեց։
 +
 +
― Ինչի՞դ է պետք։
 +
 +
― Կրակելու համար, ― զայրացկոտ պատասխանեց Արթուրը։
 +
 +
― Դե, դե․․․ խիստ ասաց Ռեդրիկը և նստեց տեղում։ ― Հապա մի տուր ինձ։ Գոտում ատրճանակի կարիք չկա։ Տո՛ւր։
 +
 +
Արթուրն ինչ֊որ բան էր ուզում ասել, բայց լռեց, ձեռքը տարավ գրպանը, հանեց զինվորական ատրճանակն ու, փողից բռնած, մեկնեց Ռեդրիկին։
 +
 +
Ռեդրիկը վերցրեց ատրճանակը, վեր նետեց, բռնեց ու հարցրեց․
 +
 +
― Թաշկինակ կլինի՞ մոտդ։ Տուր փաթաթեմ․․․
 +
 +
Նա վերցրեց Արթուրի մաքուր, օդեկոլոնի հոտ արձակող թաշկինակը, ատրճանակը փաթաթեց ու դրեց կոճի վրա։
 +
 +
― Առայժմ թող այստեղ մնա, ― ասաց նա։ ― Աստված որ տա, վերադառնալիս կվերցնենք։ Միգուցե իրոք պետք գա պահակներին հանդիպելու դեպքում, հը՞։
 +
 +
Արթուրը վճռականորեն թափահարեց գլուխը․
 +
 +
― Ախր ինձ դրա համար չէր պետք, ― սրտնեղած ասաց նա։ ― Մեջը մի փամփուշտ կա։ Որ եթե․․․ հանկարծ․․․ հորս պես․․․
 +
 +
― Այ թե ի՜նչ․․․ ― ծոր տվեց Ռեդրիկը, հայացքը չկտրելով նրանից։ ― Դե, կարող ես չանհանգստանալ։ Եթե հորդ օրն ընկնես, մինչև այստեղ ես քեզ կհասցնեմ։ Խոստանում եմ։ Տես է, լուսացավ։
 +
 +
Մշուշը ցրվում էր ուղղակի աչքի առաջ։ Հողաթմբի վրա արդեն բոլորովին չկար, իսկ ներքևում ու հեռվում կաթնավուն մեգը նոսրանում էր ու հալվում։ Մշուշի միջից ավելի ու ավելի պարզ էին նշմարվում գագաթները, իսկ ներքևում տեղ֊տեղ արդեն երևում էր նեխած ճահիճը, որ ծածկված էր ցանցառ ուռուտով, իսկ հորիզոնում, բլուրների հետևում վառ դեղին բոցով հուրհրում էին լեռնագագաթները, և երկինքն այնտեղ վճիտ էր ու կապույտ։ Արթուրը հետ նայեց ուսի վրայով ու հիացած բացականչեց։ Ռեդրիկն էլ շրջվեց։ Արևելքում լեռները սև էին թվում, իսկ նրանց վերևում հուրհրում ու երփներանգում էր ծանոթ զմրուխտյա հրաշքը՝ Գոտու կանաչ այգաբացը։ Ռեդրիկը վեր կացավ, գնաց վագոնիկի հետևը, նստեց հողաթմբին ու, փնչացնելով, նայում էր, թե ինչպես արագ է մարում, վարդագույնով է լցվում կանաչ այգը, և արևի նարնջագույն եզրը դուրս է սահում լեռնաշղթայի հետևից, ու իսկույն էլ մանուշակագույն ստվերներ ձգվեցին բլուրներից, ամեն ինչ դարձավ հստակ, որոշակի ու այնքան տեսանելի, ասես ափիդ մեջ լիներ, և ուղիղ իր դիմաց, երկու հարյուր մետր հեռավորության վրա Ռեդրիկը տեսավ ուղղաթիռը։ Ըստ երևույթին, ուղղաթիռն ընկել էր «մժեղի ճաղատի» ամենամեջտեղը, և իրանը ճզմվել էր ու տափակել երկաթե բլիթի պես, միայն պոչը չէր վնասվել՝ մի փոքր ծռվել էր ու սև կեռի պես տնկվել էր բլուրների արանքում ընկած հովտում, և կայունացնող պտուտակն էլ էր անվնաս մնացել ու ճռճռում էր թեթև քամուց։ Երևում է, հզոր «ճաղատ» է եղել։ Նույնիսկ իսկական հրդեհ էլ չի եղել, և տափակած թիթեղի վրա հստակ երևում է թագավորական ռազմաօդային ուժերի կարմիր֊կապույտ խորհրդանշանը, որն արդեն քանի տարի Ռեդրիկը չէր տեսել ու նույնիսկ ոնց որ մոռացել էր, թե ինչ տեսք ունի։
 +
 +
Հետո Ռեդրիկը մոտեցավ իր ուսապարկին, հանեց քարտեզն ու դրեց վագոնիկի մեջ լցված ապարի վրա։ Քարհանքն այստեղից չէր երևում, այն գտնվում էր բլրի հետևում, որի գագաթին տնկված էր վառված ու սևացած մի ծառ։ Այս բլուրը պիտի շրջանցեին աջից, մի հովիտով, որն ընկած էր այդ բլրի ու մի ուրիշ բլրի միջև, որը նույնպես երևում էր այստեղից՝ լրիվ լերկ, ամբողջ լանջով մեկ սփռված  մուգ շագանակագույն խճաքարով։
 +
 +
Բոլոր կողմնորոշիչները համընկնում էին, բայց Ռեդրիկը գոհունակություն չէր զգում։ Ստալկերի բազմամյա փորձը կտրականապես ըմբոստանում էր այդ մտքի դեմ, այդ անհեթեթ և հակաբնական մտքի դեմ՝ արահետ գցելու երկու մոտիկ բլուրների արանքում։ Լավ, մտածեց Ռեդրիկը, դա մենք հետո կորոշենք։ Տեղում կերևա։ Մինչև այդ հովիտը տանող արահետը ձգվում էր ճահճի վրայով, հարթ բաց տեղանքով, որն այստեղից անվտանգ էր թվում, սակայն ուշադիր նայելով, Ռեդրիկը չոր ճիմերի մեջ ինչ֊որ մուգ մոխրագույն բան էր տեսնում։ Նա նայեց քարտեզին։ Այնտեղ փոքրիկ խաչ էր դրված ու ծուռումուռ տառերով գրված էր՝ «Ճարպիկ»։ Արահետի կարմիր կետագիծն անցնում էր խաչի աջ կողմից։ Մականունը ոնց որ ծանոթ էր, բայց ո՞վ է այդ Ճարպիկը, ի՞նչ տեսք ուներ և ե՞րբ էր եղել։ Ռեդրիկը չէր կարողանում հիշել։ Միայն թե չգիտես ինչու հիշեց «Բորժչի» ծխոտ դահլիճը, բաժակները բռնած վիթխարի կարմիր թաթերը, ամպրոպաձայն քրքիջը, դեղին ատամներով երախները, տիտանների ու հսկաների մի ֆանտաստիկ հոտ, որոնք եկել էին իրենց ծարավը հագեցնելու։ Սա նրա մանկական ամենավառ հիշողություններից մեկն էր, առաջին այցելությունը «Բորժչ»։ Այն ժամանակ ի՞նչ էի բերել։ Կարծեմ «փուչիկ»։ Եկա հենց Գոտուց, թաց, սոված, շշմած, պարկը ուսիս գցած, ներս ընկա այս պանդոկն ու կատաղած շուրջս նայելով պարկը շպրտեցի Էռնեստի վաճառասեղանին։ Դիմացա ծաղրուծանակի տարափին, սպասեցի մինչև Էռնեստը (այդ ժամանակ դեռ երիտասարդ, միշտ փողկապով) հաշվեց մի քանի կանաչ թղթադրամ․․․ Չէ, այն ժամանակ դեռ կանաչ չէին, այն ժամանակ քառակուսի թղթադրամներ էին, թագավորական՝ մի կիսամերկ ու գլխին պսակով կնկա նկարով․․․ Փողը դրեցի գրպանս ու հանկարծ, ինքս ինձ համար էլ անսպասելի, ձեռքս գցեցի, վաճառասեղանից վերցրեցի գարեջրի ծանր գավաթն ու թափով հասցրի կողքիս հռհռացող երախին․․․ Ռեդրիկը քմծիծաղեց ու մտածեց․ գուցե դա հենց Ճարպի՞կն էր։
 +
 +
― Բա կարելի՞ է բլուրների արանքով, պարոն Շուխարտ, ― ականջի տակ հնչեց Արթուրի շշնջոցը։ Նա կանգնել էր Ռեդրիկի կողքը ու նույնպես նայում էր քարտեզին։
 +
 +
― Այնտեղ կորոշենք, ― ասաց Ռեդրիկը։ Նա աչքը չէր կտրում քարտեզից։ Քարտեզի վրա կային ևս երկու խաչ, մեկը՝ ծառով բլրի լանջին, մյուսը՝ քարքարոտ փլվածքի վրա։ Պուդելն ու Ակնոցավորը։ Արահետը ձգվում էր նրանց մեջտեղով։ ― Այնտեղ կորոշենք, ― կրկնեց նա, քարտեզը ծալեց ու նորից դրեց գրպանը։ Նայեց Արթուրին ու ասաց․ ― Ուսապարկը գցի մեջքիս․․․ Գնանք առաջվա պես, ― ասաց նա, թափ տալով ուսապարկն ու հարմարեցնելով մեջքին․․․ ― Դու կգնաս առջևից, որ ամեն րոպե ես քեզ տեսնեմ։ Աչքերդ մի՛ գցի չորս կողմ, իսկ ականջներդ՝ սրի։ Իմ հրամանը օրենք է։ Իմացիր, սողալով պիտի գնանք, ցեխից չվախենաս, որ հրամայեմ՝ առանց խոսքի մռութդ կմտցնես ցեխի մեջ․․․ Հա, բաճկոնդ էլ կոճկի։ Պատրա՞ստ ես։
 +
 +
― Պատրաստ եմ, ― խուլ ձայնով ասաց Արթուրը։ Նա շատ էր հուզվում։ Այտերի կարմրության հետքն անգամ չէր մնացել։
 +
 +
― Առաջին ուղղությունը՝ ահա, ― Ռեդրիկը ձեռքը կտրուկ թափ տվեց հողաթմբից հարյուր քայլի վրա գտնվող մոտակա բլրի կողմը։ ― Պա՞րզ է։ Գնա։
 +
 +
Արթուրը ջղաձգորեն շունչ քաշեց և, անցնելով ռելսերի վրայով, սկսեց իջնել հողաթմբից։ Նրա հետևից շրխկոցով ցած էր թափվում խիճը։
 +
 +
― Հանգիստ քայլիր, հանգիստ, ― ասաց Ռեդրիկը։ ― Շտապելու բան չկա։
 +
 +
Նա սկսեց զգուշորեն իջնել, ոտքերի մկաններով պահպանելով հավասարակշռությունը։ Աչքի պոչով նա անընդհատ հետևում էր Արթուրին։ Վախենում է տղան, մտածեց նա։ Ճիշտ է անում, որ վախենում է։ Երևի կանխազգացում է։ Եթե նա հորը քաշած լինի, ուրեմն պիտի կանխազգացում ունենա․․․ Եթե դու, Գիշակեր, իմանայիր, թե գործը ոնց է շուռ եկել։ Եթե իմանայիր, Գիշակեր, որ այս անգամ քեզ չեմ լսելու։ «Իսկ այ էստեղ, Շեկ, դու մենակ չես կարողանա անցնել։ Ուզած֊չուզած, ստիպված պիտի լինես մեկին հետդ վերցնել։ Կարող եմ իմոնցից մեկնումեկին տալ քեզ, ով որ ինձ պետք չի․․․»։ Համոզեց։
 +
 +
Կյանքումս առաջին անգամ եմ համաձայնվել այս տեսակ գործ անել։ Դե լավ, ոչինչ, մտածեց նա։ Միգուցե լավ կպրծնենք, այնուամենայնիվ, ես հո Գիշակերը չեմ, գուցե մի բան կմտածենք․․․
 +
 +
― Կանգնի՛ր, ― հրամայեց նա Արթուրին։
 +
 +
Տղան կանգնեց, մինչև կոճերը խրված ժանգագույն ջրի մեջ։
 +
 +
Երբ Ռեդրիկը ցած իջավ, նա արդեն խրվել էր մինչև ծնկները։
 +
 +
― Քարը տեսնո՞ւմ ես, ― հարցրեց Ռեդրիկը։ ― Հրեն, բլրի տակ է։ Այդ կողմը գնա։
 +
 +
Արթուրն առաջ շարժվեց։ Ռեդրիկը թողեց, որ նա տասը քայլ առաջ անցնի, ու նոր գնաց նրա հետևից։ Ճահիճը ճլմփում էր նրաց ոտքերի տակ։ Դա մեռյալ ճահիճ էր, ոչ մոծակ կար, ոչ գորտ, նույնիսկ ուռուտն էր այստեղ չորացած ու փտած։ Ռեդրիկը սովորականի պես չորս կողմն էր նայում, սակայն առայժմ կարծես ամեն ինչ խաղաղ էր։ Բլուրը դանդաղորեն մոտենում էր, սողում էր դեպի արևը, որը դեռ չէր բարձրացել, ու շուտով ծածկեց երկնքի ամբողջ արևելյան մասը։ Քարի մոտ Ռեդրիկը կանգ առավ ու նայեց հողաթմբի կողմը։ Արևը պայծառ լուսավորել էր հողաթումբը, այնտեղ կանգնած էր տասը վագոնիկներից բաղկացած գնացքը, մի քանի վագոններ ռելսերից ցած էին գլորվել ու ընկած էին գետնին, և հողաթումբն էլ ծածկված էր թափված ապարի կարմրավուն հետքերով։ Իսկ ավելի հեռվում, քարհանքի մոտերքում, գնացքից դեպի հյուսիս, ռելսերի վերևում օդը մի տեսակ պղտոր դողդողում էր ու երփներանգում, ու մերթ ընդ մերթ այնտեղ վայրկենապես առկայծում ու մարում էին փոքրիկ ծիածաններ։ Ռեդրիկը նայեց այդ դողդողացող օդին, թքեց ու շրջվեց։
 +
 +
― Գնացինք, ― ասաց նա, և Արթուրը նրա կողմը դարձրեց լարված դեմքը։ ― Տեսնո՞ւմ ես այն քրջերը։ Այդ կողմը մի՛ նայիր։ Աջ նայիր, աջ․․․
 +
 +
― Այո, ասաց Արթուրը։
 +
 +
― Ուրեմն լսիր, ժամանակին եղել է Ճարպիկ անունով մեկը։ Վաղուց է եղել։ Նա չի լսել մեծերին, ու հիմա այնտեղ հատուկ պառկած է այն բանի համար, որ խելոք մարդկանց ցույց տա ճանապարհը։ Այդ ճարպիկից երկու մատ աջ գնա․․․ Եղա՞վ։ Հիշիր այդ կետը։ Դե, մոտավորապես այնտեղ, որտեղ ավելի խիտ է․․․ Շարժվիր այդ կողմը։ Գնա՛։
 +
 +
Հիմա նրանք հողաթմբին զուգահեռ էին առաջ գնում։ Քայլ առ քայլ ջուրը ավելի էր պակասում, ու շուտով արդեն գնում էին չոր, ասես զսպանականման ճիմերի վրայով։ Իսկ ըստ քարտեզի՝ այստեղ պիտի լրիվ ճահիճ լիներ, մտածեց Ռեդրիկը։ Հնացել է քարտեզը։ Բարբրիջը վաղուց չի եղել այս կողմերում, ու դրա համար էլ քարտեզը հնացել է։ Լավ չի։ Իհարկե, չոր տեղերով քայլելն ավելի հեշտ է, բայց լավ կլիներ, որ այստեղ ճահիճը մնար․․․ Տե՜ս է, ոնց է քայլում։ Ոնց որ կենտրոնական պողոտայում լինի։
 +
 +
Երևում է, Արթուրն արդեն սրտապնդվել էր և հիմա հանգիստ էր քայլում։ Մի ձեռքը մտցրել էր գրպանը, իսկ մյուս ձեռքն ուրախ թափահարում էր, ասես զբոսանքի էր դուրս եկել։ Այդ ժամանակ Ռեդրիկը ինչ֊որ բան փնտրեց գրպանում, հետո հանեց քսանգրամանոց մի պնդօղակ ու, նշան բռնելով, խփեց Արթուրի գլխին։ Պնդողակը դիպավ Արթուրի ծոծրակին։ Պատանին տնքաց, ձեռքերով բռնեց գլուխը և, կծկվելով, փռվեց չոր խոտի վրա։
 +
 +
Ռեդրիկը կանգնեց նրա կողքը։
 +
 +
― Այ թե ոնց է լինում այստեղ, Արչի, ― ասաց նա խրատական տոնով։ ― Սա քեզ համար պուրակ չէ, ես ու դու զբոսանքի չենք եկել։
 +
 +
Արթուրը դանդաղ վեր կացավ։ Նրա դեմքը ճեփ֊ճերմակ էր։
 +
 +
― Հասկացա՞ր, ― հարցրեց Ռեդրիկը։
 +
 +
Արթուրը թուքը կուլ տվեց և գլխով արեց։
 +
 +
― Դե լավ։ Մյուս անգամ մռութիդ կհասցնեմ։ Եթե կենդանի մնաս։ Գնա՛։
 +
 +
Իսկ այս տղայից ստալկեր կստացվի, մտածում էր Ռեդրիկը։ Ու նրա անունը կդնեին, երևի, Սիրուն Արչի։ Մենք ժամանակին ունեինք մի սիրուն, նրան անունը Դիքսոն էր, իսկ հիմա բոլորը Փորսուղ են կանչում։ Միակ ստալկերը, որն ընկել է «մսաղացի» մեջ ու կենդանի է մնացել։ Բախտը բերել է։ Այդ հիմարը մինչև հիմա էլ կարծում է, թե Բարբրիջն է իրեն «մսաղացից» դուրս հանել։ Ո՜նց չէ։ «Մսաղացից» հանել չի լինի․․․ Գոտուց Բարբրիջը  դուրս է բերել նրան, այդ մեկը ճիշտ է։ Այս հերոսությունն արել է, բայց հապա թող փորձե՛ր չանել։ Նրա այլանդակություններն արդեն բոլորին զզվացրել էին, ու տղերքն այն ժամանակ նրան ուղղակի ասացին․ թե մենակ պիտի վերադառնաս՝ լավ կանես չգնաս։ Ու հենց այդ ժամանակ էլ Բարբրիջի անունը դրին Գիշակեր, թե չէ առաջ նրա անունը Ձի էր․․․
 +
 +
Հանկարծ Ռեդրիկը ձախ այտի վրա զգաց օդի գրեթե աննկատելի հոսանքը ու իսկույն, չհասցնելով որևէ բան մտածել, գոռաց․
 +
 +
― Կանգնի՛ր։
 +
 +
Նա ձեռքը մեկնեց դեպի ձախ։ Օդի հոսանքն այնտեղ ավելի շատ էր զգացվում։ Իրենց ու հողաթմբի արանքում ինչ֊որ տեղ ընկած էր «մժեղի ճաղատը», իսկ գուցե այն շարժվում էր հենց հողաթմբով՝  հո պատահականությո՞ւն չէր վագոնիկների գլորվելը։ Արթուրը ասես մեխված լիներ տեղում, նա նույնիսկ չշրջվեց։
 +
 +
― Աջ գնա, ― հրամայեց Ռեդրիկը։ ― Գնա՛։
 +
 +
Այո, վատ ստալկեր չէր լինի․․․ Գրողը տանի, ոնց որ խղճում եմ նրան։ Միայն դա էր պակաս։ Իսկ երբևիցե որևէ մեկը ինձ խղճացե՞լ է․․․ Հա, ոնց որ խղճացել են։ Կիրիլն ինձ խղճում էր։ Դիկ Նունանն էլ է խղճում։ Ճիշտ է, նա երևի այնքան ինձ չի խղճում, որքան Գուտային է կպչում։ Բայց հնարավոր է, որ ինձ էլ է խղճում, մեկը մյուսին չի խանգարում կարգին մարդկանց մոտ․․․ Այ, միայն թե ես ոչ ոքի չեմ խղճում։ Ես ընտրում եմ ՝ կամ֊կամ․․․ Նա առաջին անգամ ամենայն հստակությամբ պատկերացրեց այդ ընտրությունը՝ կամ այս տղան կամ իմ Կապիկը։ Այստեղ իսկի ընտրություն էլ չկա, ամեն ինչ պարզ է։ Եթե միայն հրաշքը հնարավոր է, ասաց ներսից ինչ֊որ մի ձայն, ու Ռեդրիկը սարսափահար ու կատաղած խեղդեց իր մեջ այդ ձայնը։
 +
 +
Նրանք անցան գորշ քրջերի մոտով։ Ճարպիկից ոչ մի բան չէր մնացել, միայն չորացած խոտերի մեջ ընկած էր երկար, ամբողջովին ժանգոտած ձողը՝ ականորսը։ Այն ժամանակ շատերն էին ականորս օգտագործում, թաքուն գնում էին զինվորականներից ու հույսները դրանց վրա էին դնում՝ ոնց որ աստծու վրա, իսկ երկու ստալկեր զոհվեցին ստորերկրյա լիցքերից։ Այնուամենայնիվ, ո՞վ է այս Ճարպիկը։ Գիշակե՞րն է նրան այստեղ բերել, թե նա ինքն է եկել։ Ու ինչո՞ւ էին բոլորը գալիս այս քարհանքի մոտ։ Ինչո՞ւ ես ոչ մի բան չեմ լսել այդ մասին․․․ Գրողը տանի, ոնց է այրում․․․ Ու հալա դեռ առավոտ է, իսկ հետո ի՞նչ է լինելու․․․
 +
 +
Արթուրը, որ հինգ քայլ առաջ էր նրանից, կանգ առավ ու սրբեց ճակատի քրտինքը։ Ռեդրիկը նայեց արևին։ Արևը դեռ շատ չէր բարձրացել։ Ու հանկարծ նա գիտակցեց, որ չոր խոտն այլևս առաջվա պես չի խշշում  իրենց ոտքերի տակ, այլ ասես ճռճռում է, ոնց որ կարտոֆիլի ալյուր, ու էլ առաջվա պես փշոտ ու ծակծկուն չէ, այլ փափուկ ու երերուն, իսկույն փշրվում է ոտքերի տակ, ոնց որ մրի քուլա․․․ Ու նա նորից տեսավ Արթուրի հստակ դրոշմված հետքերը և փռվեց գետնին, գոռալով՝ «Պառկիր»։
 +
 +
Նա բերանքսիվայր ընկավ խոտի վրա, ու խոտը հենց նրա այտի տակ փոշիացավ։ Կատաղությունից կրճտացրեց ատամները, որ ընկավ այս փորձանքի մեջ։ Նա պառկել էր, աշխատելով չշարժվել, դեռևս հույս փայփայելով, որ միգուցե կպրծնեն, թեև հասկանում էր, որ իրենք կորած են։ Տաքը սաստկանում էր, փլվում նրա վրա, պարուրում ամբողջ մարմինը և Ռեդրիկը ուշացումով գոռաց Արթուրին՝ «Չշարժվես։ Դիմացիր»։ Ու ինքն էլ աշխատեց դիմանալ։
 +
 +
Ու նա կդիմանար, և ամեն ինչ լավ կվերջանար, միայն մի քիչ կքրտնեին, բայց Արթուրը չդիմացավ։ Կամ նա չէր լսել Ռեդրիկի ասածը, կամ էլ շատ էր վախեցել․ իսկ գուցե նրան ավելի ուժեղ էր վառել, քան Ռեդրիկին․ համենայն դեպս նա անզոր եղավ ղեկավարելու ինքն իրեն ու կուրորեն, արձակելով կոկորդային մի ոռնոց, կռացած նետվեց այն կողմը, որտեղ նրան քշում էր անիմաստ բնազդը, նետվեց դեպի հետ՝ հենց այն կողմը, որտեղ արդեն ոչ մի կերպ չէր կարելի վազել։ Ռեդրիկը հազիվհազ հասցրեց բարձրանալ ընկած տեղից ու երկու ձեռքով բռնել նրա ոտքից, ու Արթուրն ամբողջ մարմնով շրմփաց գետնին, մոխրի ամպեր բարձրացնելով, աղեկտուր ճչաց անբնական բարձր ձայնով, ազատ ոտքով աքացի տվեց Ռեդրիկի դեմքին, ցնցվեց ու թպրտաց, բայց Ռեդրիկը, արդեն ոչինչ չհասկանալով ցավից, սողալով բարձրացավ նրա վրա, այրված դեմքով սեղմվելով նրա բաճկոնին, աշխատելով նրան խրել, մտցնել հողի մեջ, երկու ձեռքով բռնեց նրա երկարամազ, թպրտացող գլուխը, և կոշիկների քթերով ու ծնկներով կատաղորեն սկսեց խփել ոտքերին, հետևին, գետնին։ Նա աղոտ լսում էր իր տակից եկող տնքոցներն ու փնչոցները, ու սեփական խռպոտ ոռնոցը․ «Պառկի՛, դոդոշ, պառկի՛, կսպանեմ․․․»։ Իսկ վերևից նրա վրա էին լցվում ու լցվում շիկացած ածուխի կույտերը, ու արդեն բոցավառվում էր նրա հագուստը, ճարճատում, ուռչում և բշտիկ֊բշտիկ պայթում էր ոտքերի ու կողերի մաշկը, և նա, ճակատը խրելով մոխրի մեջ ու կրծքով ջղաձգորեն պահելով այդ անիծյալ լակոտի գլուխը, չդիմացավ ու աղեկտուր ոռնաց․․․
 +
 +
Նա չէր հիշում, երբ այդ ամենը վերջացավ։ Հասկացավ միայն, որ նորից կարող է շնչել, որ օդը նորից դարձել է օդ, այլ ոչ թե կոկորդն այրող շիկացած գոլոշի, ու մտածեց, որ պետք է շտապել, որ պետք է հնարավորին չափ շուտ դուրս գալ  այդ դժոխային հնոցի տակից, քանի դեռ նորից չի իջել իրենց վրա։ Նա ցած սահեց Արթուրի վրայից, որը բոլորովին չէր շարժվում, նրա ոտքերը մտցրեց թևերի տակ ու ազատ ձեռքի օգնությամբ սողաց առաջ, աչքը չկտրելով այն գծից, որի մյուս կողմում նորից խոտ էր, մեռած, չոր, փշոտ, բայց իսկական խոտ, որը հիմա նրան թվում էր կյանքի մեծագույն ապաստան։ Մոխիրը խշրտում էր նրա ատամների տակ, վառված դեմքը պարուրվում էր ջերմության մնացորդներով, քրտինքը լցվում էր աչքերը, երևի այն պատճառով, որ նա այլևս ոչ հոնքեր ուներ, ոչ էլ թարթիչներ։ Իր հետևից նա քաշում էր Արթուրին, որն ասես դիտավորյալ այս ու այնտեղ էր կարչում անիծյալ բաճկոնով, այրվում էին խաշված ձեռքերը, իսկ ուսապարկն անընդհատ խրվում էր վառված ծոծրակը։ Ցավից ու հեղձուկից Ռեդրիկը սոսկումով մտածեց, որ ինքը ամբողջովին այրվել է և այլևս տեղ չի հասնի։ Այդ սարսափից նա ավելի ուժեղ աշխատեց ազատ արմունկով ու ծնկներով, միայն թե մի քիչ էլ առաջ սողա, մի քիչ էլ, Ռե՜դ, շարժվիր,Շեկ, այ այսպե՜ս, այ այսպես, դե՛հ, մի՛ քիչ էլ։
 +
 +
Հետո նա երկար պառկել էր, դեմքն ու ձեռքերը մտցրած սառը ժանգոտ ջրի մեջ, ու հաճույքով շնչում էր նեխահոտ զովը։ Նա կուզեր ընդմիշտ այդպես պառկած մնալ, բայց ստիպեց իրեն վեր կենալ և, ծնկաչոք, մի կողմ նետեց ուսապարկը, չորեքթաթ մոտեցավ Արթուրին, որը դեռ անշարժ ընկած էր  ճահճից մի երեսուն քայլ հեռու, ու նրան շրջեց մեջքի վրա։ Հը՜մ, այո, սիրուն տղա էր։ Իսկ հիմա այդ սիրուն մռութը թվում էր չորացած ածուխից ու մոխրից սարքած մի դիմակ, ու Ռեդրիկը մի քանի վայրկյան բութ հետաքրքրությամբ նայում էր այդ դիմակի վրայի երկայնակի ակոսներին՝ ճիմերի ու քարերի հետքերին։ Հետո նա ոտքի կանգնեց, բռնեց Արթուրի թևատակից ու քաշեց դեպի ջուրը։ Արթուրը խռռացնում էր ու մերթ ընդ մերթ տնքում։ Ռեդրիկը նրա դեմքը մտցրեց ամենախոր ջրափոսի մեջ ու ինքն էլ պառկեց կողքը, նորից ըմբոշխնելով սառը և թաց գուրգուրանքի հաճույքը։ Արթուրը բլթբլթացրեց շարժվեց, ձեռքերը մտցրեց տակը ու վեր բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերը չռվել էին, նա ոչինչ չէր հասկանում ու ագահորեն օդ էր շնչում՝ հազալով ու թքելով։ Հետո նրա հայացքը դարձավ իմաստալից ու կանգ առավ Ռեդրիկի վրա։
 +
 +
― Թո՛ւ․․․ թո՛ւ․․․ ― ասաց նա ու տարուբերեց դեմքը, կեղտոտ ջուրը ցփնելով չորս կողմը։ ― Սա ի՞նչ բան էր, միստր Շուխարտ։
 +
 +
― Դա մահն էր, ― կամաց ասաց Ռեդրիկն ու հազաց։ Նա շփեց երեսը։ Ցավաց։ Քիթն ուռել էր, բայց հոնքերն ու թարթիչները, որքան էլ որ դա տարօրինակ էր, իրենց տեղում էին։ Ձեռքերի մաշկը նույնպես չէր վնասվել, միայն կարմիր էր։
 +
 +
Արթուրը ևս մատներով զգուշորեն շոշափում էր դեմքը։ Այժմ, երբ ջուրը լվաց տարավ սարսափելի դիմակը, պարզվեց, որ նրա դեմքը նույնպես, հակառակ սպասելիքների, համարյա չէր վնասվել։ Մի քանի քերծվածք կար ճակատի վրա, պատռվել էր ներքևի շրթունքը, իսկ ընդհանուր առմամբ՝ ոչինչ։
 +
 +
― Առաջին անգամ եմ լսում այսպիսի բան, ― փնթփնթաց Արթուրն ու հետ նայեց։
 +
 +
Ռեդրիկը նույնպես հետ նայեց։ Մոխրածածկ գորշ խոտի վրա շատ հետքեր էին մնացել, ու Ռեդրիկն ապշեց, թե որքան, պարզվում է, կարճ է եղել այն ահավոր ու անվերջանալի ճանապարհը, որն ինքն անցավ սողալով՝ փրկվելով կործանումից։ Խանձված տարածությունը ծայրից ծայր կլիներ մոտ քսան֊երեսուն մետր, ոչ ավելի, բայց նա սարսափահար ու կուրորեն սողացել էր սոսկալի զիգզագներ անելով, ինչպես ուտիչը շիկացած թավայի մեջ, և դեռ պետք է շնորհակալ լինել, որ ի վերջո սողացել է այնտեղ, որտեղ պետք է սողար, իսկ չէ՞ որ կարող էր սողալ դեպի ձախ կողմի «մժեղի ճաղատը», էլ չասած, որ կարող էր ընդհանրապես դեպի հետ շրջվել․․․ Ոչ, չէր կարող, մտածեց նա կատաղորեն։ Մի ինչ֊որ կաթնակեր լակոտ կարող էր, իսկ ես քեզ համար կաթնակեր չեմ, և եթե այդ հիմարը չլիներ, ընդհանրապես ոչինչ չէր լինի, ոտքերս կխաշեի ու հենց այդքանով էլ կպրծնեի։
 +
 +
Նա նայեց Արթուրին։ Արթուրը լվացվում էր փնչացնելով ու տնքտնքալով, երբ հանկարծ դիպչում էր ցավոտ տեղերին։ Ռեդրիկը վեր կացավ տեղից ու, այրված մաշկին շոգից կոշտացած հագուստի կպչելուց առաջացած ցավից կնճռոտվելով, դուրս եկավ մի չոր տեղ և կռացավ ուսապարկի վրա։ Այ, ուսապարկը շատ էր տուժել։ Վերին գրպաններից ընդհանրապես բան չէր մնացել․ դեղի սրվալները պայթել էին ուժեղ ջերմությունից, ու ամբողջ պարկից մի սոսկալի դեղահոտ էր փչում։ Ռեդրիկը ապակու ռ պլաստիկի բեկորներն ու մնացորդները թափեց ուսապարկից, ու հենց այդ ժամանակ էլ թիկունքից լսեց Արթուրի ձայնը․
 +
 +
― Շնորհակալություն, միստր Շուխարտ, դուք ինձ փրկեցիք։
 +
 +
Ռեդրիկը չպատասխանեց։ Գրո՛ղի ծոցը քո շնորհակալությունը։ Շա՜տ ինձ պետք էր քեզ փրկելը։
 +
 +
― Ինքս եմ մեղավոր, ― ասաց Արթուրը։ ― Ախր ես լսեցի, որ դուք ինձ հրամայեցիք պառկել, բայց շատ վախեցա, իսկ երբ սկսեց այրել, լրիվ գլուխս կորցրի։ Ես ցավից շատ եմ վախենում, միստր Շուխարտ․․․
 +
 +
― Վեր կաց, վեր կաց, ― ասաց Ռեդրիկը, շրջվելով նրա կողմը։ ― Սա դեռ փառք է․․․ Վեր կաց, ի՜նչ ես փռվել։
 +
 +
Ցավից ֆշշացնելով, նա պարկը գցեց այրված ուսերին ու ձեռքերը մտցրեց ձգափոկերի մեջ։ Այնպիսի զգացում ուներ, ասես այրված տեղերի մաշկը կծկվել էր ու պատվել ցավոտ կնճիռներով։ Ցավից վախենո՜ւմ է․․․ Սրա՜ն տեսեք․․․ Նա շուրջը նայեց։ Ոչինչ, արահետից դուրս չեն եկել։ Հիմա էլ սկսվելու են հանգուցյալների բլուրները։ Գարշելի բլուրներ են, ոնց որ սատանի գլուխներ լինեն տնկված, իսկ նրանց միջև ընկած հովիտը․․․ Նա ակամա քթով հոտոտեց օդը։ Վա՜յ, անիծյալ հովիտ, այ հենց սա է ամենագարշելին։
 +
 +
― Տեսնո՞ւմ ես բլուրների արանքի հովիտը, ― հարցրեց նա Արթուրին։
 +
 +
― Տեսնում եմ։
 +
 +
― Ուղիղ այնտեղ։ Մա՛րշ։
 +
 +
Արթուրը ձեռքի հակառակ կողմով սրբեց քիթն ու առաջ շարժվեց, չլմփացնելով ջրափոսերի միջով։ Նա կաղում էր և արդեն առաջվա պես սլացիկ ու ձիգ չէր, կռացել էր, ու հիմա շատ զգույշ էր առաջ գնում։ Ահա մեկին էլ փրկեցի, մտածեց Ռեդրիկը։ Սա ո՞րերորդն է արդեն։ Հի՞նգը։ Վե՞ցը։ Ու հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ։ Ինչ է, նա հարազա՞տս է։ Խոստացե՞լ եմ օգնել նրան։ Լսիր, Շեկ, ինչո՞ւ էիր դու նրան քարշ տալիս․․․ Չէ՞ որ քիչ մնաց նրա պատճառով դու էլ խրվեիր․․․ Հիմա արդեն՝ պարզ գլխով, գիտեմ, որ ճիշտ արեցի, ես առանց նրա չեմ կարողանա, նա ոնց որ պատանդ լինի Կապիկիս համար։ Ես ոչ թե մարդու էի քարշ տալով բերում, այլ իմ ականորսը։ Իմ ականազերծիչը։ Իմ․․․ Իսկ այնտեղ, վառվելիս, ես այս մասին իսկի չէի էլ մտածում։ Փրկում էի նրան, ոնց որ հարազատիս, ու մտքովս մի պահ անգամ չէր անցնում, որ լքեմ նրան, չնայած ոչ մի բանի մասին չէի հիշում՝ ոչ խայծի, ոչ Կապիկի․․․ Ուրմեն ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ես իսկապես բարի մարդ եմ։ Դա ինձ Գուտան էլ է անընդհատ ասում, հանգուցյալ Կիրիլն էր ասում։ Ու Ռիչարդն էլ է մի գլուխ ասում․․․ Ոնց չէ, լա՜վ բարի ես գտել։ Դու այս բոլորը վերջացրու, ասաց նա ինքն իրեն։ Այստեղ քո բարության տեղը չէ։ Նախ պետք է մտածել, հետո նոր ձեռքերն ու ոտքերը գործի դնել։ Ու սա լինի առաջին ու վերջին անգամ, հասկացա՞ր։ Բարի՜․․․ Ես նրան պետք է պահեմ «մսաղացի» համար, սառն ու հստակ մտածեց նա։ Այստեղ ամեն ինչից կարելի է պրծնել, բացի «մսաղացից»։
 +
 +
― Կանգնի՛ր, ― ասաց նա Արթուրին։
 +
 +
Հովիտն արդեն մոտ էր, և Արթուրը կանգնեց, շփոթված նայելով Ռեդրիկին։ Հովիտը ծածկված էր նեխած կանաչավուն, արևի տակ  ճարպի պես փայլփլող  ջրիկ խյուսով։ Նրա վերևում քուլա֊քուլա բարձրանում էր գոլորշին, որը բլուրների արանքում ավելի էր թանձրանում, և երեսուն քայլի վրա արդեն ոչինչ չէր երևում։ Եվ ժանտահոտությունը․․․ «Էստեղ մի քիչ հոտ կգա, Շեկ, բայց թե դու․․․ ը․․․ ը․․․ դիմացիր․․․»։
 +
 +
Արթուրը ինչ֊որ կոկորդային ձայն հանեց ու հետ֊հետ եկավ։ Այդ ժամ Ռեդրիկը ասես թափ տվեց իրեն՝ ազատվելով անհարկի մտքերից, գրպանից իսկույն մի փաթեթ հանեց, դեզոդորատորով ներծծված բամբակով քթածակերն ամուր փակեց ու մնացածը մեկնեց Արթուրին։
 +
 +
― Շնորհակալություն, միստր Շուխարտ, ― նվաղած ձայնով ասաց Արթուրը։ ― Իսկ վերևով չի՞ կարելի․․․
 +
 +
Ռեդրիկն առանց խոսելու բռնեց նրա մազերից ու գլուխը շրջեց քարքարոտ փլվածքի վրա երևացող քրջերի կողմը։
 +
 +
― Դա Ակնոցավորն է, ― ասաց նա։ ― Իսկ ձախ բլրի վրա՝ այստեղից չի երևում, ընկած է Պուդելը։ Նույն տեսքով։ Հասկացա՞ր։ Առա՛ջ։
 +
 +
Խյուսը տաք էր, կպչուն։ Սկզբում նրանք գնում էին մինչև գոտկատեղը խրված խյուսի մեջ, բարեբախտաբար, հատակը քարքարոտ էր և բավականին հարթ, բայց շուտով Ռեդրիկը երկու կողմից լսեց ծանոթ բզզոցը։ Արևով լուսավորված ձախ բլրի վրա ոչ մի բան չէր երևում, իսկ աջ կողմի բլրի ստվերոտ տեղերում բաց մանուշակագույն կրակներ վետվետացին։
 +
 +
― Կռացի՛ր, ― ատամների արանքից նետեց Ռեդրիկն ու ինքն էլ կռացավ։ ― Ավելի շատ կռացիր, հիմա՛ր, ― գոռաց նա։
 +
 +
Արթուրը վախեցած կռացավ, ու հենց այդ պահին օդը թրատվեց որոտաձայն լիցքերից։ Հենց նրանց գլխավերևում մոլեգին դղրդոցով պտտվեց ճյուղավոր կայծակը, որը հազիվ էր նշմարվում երկնքի ֆոնի վրա։ Արթուրը պպզեց ու մինչև ուսերը խրվեց  խյուսի մեջ, ստվերում, տեսավ վառ կարմիր, արագ անհետացող կետը, ու իսկույն էլ խփեց երկրորդ կայծակը։
 +
 +
― Ա՛ռաջ։ Առա՛ջ, ― գոռաց նա, ինքն էլ չլսելով իր ձայնը։
 +
 +
Հիմա նրանք առաջ էին շարժվում պպզած, սագի քայլքով, դրսում թողնելով միայն գլուխը, ու ամեն անգամ կայծակի բռնկումից Ռեդրիկը տեսնում էր, ինչպես են ցից֊ցից կանգնում Արթուրի երկար մազերը, ու զգում էր, ինչպես են հազարավոր ասեղներ խրվում իր դեմքի մաշկի մեջ։ «Առա՛ջ, ― միապաղաղ կրկնում էր նա։ ― Առա՛ջ»։ Նա արդեն ոչ մի բան չէր լսում։ Մի անգամ Արթուրը դեմքը շրջեց նրա կողմը, ու նա տեսավ իրեն ուղղված սարսափից չռված աչքերը, սպիտակ, դողդողացող շրթունքները և կանաչոտված ու քրտնքով պատած այտը։ Հետո կայծակներն այքան ցածրացան,  որ նրանք ստիպված եղան գլուխներն էլ մտցնել խյուսի մեջ։ Կանաչ լորձը սոսնձում էր բերանները, և շնչելը շատ դժվար էր։ Բերանով որսլով օդը, Ռեդրիկը քթից հանեց բամբակը ու հանկարծ զգաց, որ գարշահոտությունը վերացել է, որ օդը հագեցած է մաքուր օզոնի թարմացուցիչ հոտով, իսկ գոլորշին էլ ավելի է բարձրացել, կամ գուցե աչքերն են շաղվում, և նա արդեն չէր տեսնում ոչ աջ, ոչ ձախ կողմի բլուրները, ոչինչ չէր երևում, բացի Արթուրի կանաչ՝ ցեխով պատված գլխից և շուրջը գալարվող դեղին գոլորշուց։
 +
 +
Դուրս կգամ, դուրս կգամ, մտածում էր Ռեդրիկը։ Առաջին անգամը չէ, ամբողջ կյանքումս սա է եղել․ ինքս կեղտի մեջ, իսկ գլխիս  վերևում՝ կայծակներ, ուրիշ բան չի եղել իմ կյանքում․․․ Տեսնես որտեղի՞ց է այս զիբիլը։ Ու ինչքան էլ շատ է․․․ խելագարվել կարելի է, ինչքան զիբիլ կա կուտակված մի տեղում։ Սա Գիշակերն է, մտածեց նա գազազած։ Գիշակերն է անցել այս տեղով, ու նրանից հետո է այս զիբիլը մնացել․․․ Ակնոցավորը աջ կողմում է պառկել, Պուդելը՝ ձախ, ու այդ բոլորը նրա համար, որ Գիշակերը գնա նրանց արանքով ու իրենից հետո այս գարշանքը թողնի․․․ Քեզ տեղն է, ասաց նա ինքն իրեն։ Ինչ է, չգիտեի՞ր այս բոլորը։ Ով որ Գիշակերից հետո է գնում, նա միշտ էլ միչև կոկորդը կեղտի մեջ է խրվում։ Ինչ է, դու դա չգիտեի՞ր․․․ Դրանք շատ֊շատ են, այդ գիշակերները, ու դրա համար էլ այստեղ ոչ մի մաքուր տեղ չի մնացել․․․ Նունանը հիմար է, որ ինձ ասում է․ դու, Շեկ, հավասարակշռություն խախտող ես, կարգուկանոնը խախտող, դու, ասում է, միշտ էլ քեզ վատ կզգաս, լավ կարգերի դեպքում էլ, վատի էլ, քո նմանների պատճառով երկրի վրա երբեք երկնային արքայություն չի լինի։ Բայց թե դու այդ ամենից ի՞նչ ես հասկանում, Հաստլիկ։ Դու այդ ե՞րբ ես մեզ մոտ լավ կարգեր տեսել։ Դու այդ ե՞րբ ես ինձ տեսել քո լավ կարգերի օրոք․․․
 +
 +
Նա սայթաքեց ոտքի տակ ընկած քարից, գլխով խրվեց խյուսի մեջ, հետո դուրս պրծավ, կողքը տեսավ Արթուրի չռված աչքերով ու վախից այլայլված դեմքը, և հանկարծ ինքն էլ սարսռաց։ Նրան թվաց, թե ուղղությունը կորցրել է։ Բայց ուղղությունը չէր կորցրել։ Նա անմիջապես էլ հասկացավ, որ պետք է գնալ այն կողմ, որտեղ խյուսի միջից դուրս է ցցվել քարի գլուխը, հասկացավ, չնայած այդ քարից բացի ոչ մի բան չէր երևում դեղին մշուշի մեջ։
 +
 +
― Կանգնի՛ր, ― գոռաց նա։ ― Ա՛ջ գնա։ Քարից դեպի աջ։
 +
 +
Նա նորից չլսեց իր ձայնը ու այդ ժամանակ արագ հասավ Արթուրին, բռնեց նրա ուսից ու սկսեց ձեռքով ցույց տալ․ քարից աջ գնա ու գլուխդ ներքև պահիր։ Դուք դեռ ինձ պատասխան կտաք սրա համար, մտածեց նա։ Արթուրը քարի մոտ գլուխը մտցրեց խյուսի մեջ, ու նույն ակնթարթին կայծակը սոսկալի ճայթունով զարնվեց քարի սև կատարին, և շիկացած բեկորները թռան չորս կողմ։ Դուք սրա համար ինձ պատասխան կտաք, նորից կրկնեց Ռեդրիկը, գլուխը մտցնելով խյուսի մեջ ու ամբողջ ուժով աշխատեցնելով ոտքերն ու ձեռքերը։ Ականջներում խուլ թնդաց կայծակի նոր հարվածը։ Ես ձեզ ցույց կտամ սրա համար։ Ու իսկույն էլ մտածեց․ ո՞ւմ եմ ասում սա։ Չգիտեմ։ Բայց ինչ֊որ մեկը ինձ պատասխան պիտի տա այս ամենի համար։ Դուք դեռ սպասեք, թողեք հասնեմ գնդին, միայն թե հասնեմ գնդին, ես ձեզ համար Գիշակեր չեմ, դուք ինձ պատասխան կտաք ի՛մ ուզածով։
 +
 +
Երբ նրանք խյուսից դուրս եկան չոր տեղ, արևից շիկացած քարերի վրա՝ խլացած, տակնուվրա եղած, օրորվելով ու իրարից բռնելով, որ չընկնեն, Ռեդրիկը տեսավ ծռմռված ավտոֆուրգոնը ու աղոտ հիշեց, որ այստեղ, ֆուրգոնի մոտ կարելի է դադար առնել ստվերի տակ։ Նրանք մտան ստվերի տակ։ Արթուրը պառկեց մեջքի վրա ու թույլ մատներով սկսեց արձակել բաճկոնի կոճակները, իսկ Ռեդրիկը ուսապարկով հենվեց ֆուրգոնին, ափերը խճին քսելով մի քիչ մաքրեց կեղտից ու ձեռքը տարավ ծոցը։
 +
 +
― Ւնձ էլ․․․ ― շշնջաց Արթուրը։ ― Ինձ էլ տվեք, միստր Շուխարտ։
 +
 +
Ռեդրիկը զարմանքով նկատեց, թե ինչ բարձր ձայն ունի այդ տղան, մի կում արեց, աչքերը փակեց ու տափաշիշը մեկնեց Արթուրին։ Վե՛րջ։ Թուլացած մտածեց նա։ Անցանք։ Սա էլ անցանք։ Չէ։ Ես ամեն ինչ հիշում եմ։ Կարծում եք, ես ձեզ շնորհակալությո՞ւն պիտի հայտնեմ, որ դուք ինձ կենդանի թողեցիք, չխեղդեցիք։ Ցա՛վ ձեզ, ոչ թե շնորհակալություն։ Հիմա ձեր բոլորի վերջը եկել է, հասկացա՞ք։ Ես սրանից ոչ մի բան չեմ թողնելու։ Հիմա ե՛ս եմ որոշելու։ Ե՛ս, Ռեդրիկ Շուխարտս, ողջամիտ ու սթափ հիշողությամբ պիտի վճռեմ ամեն ինչ ու ամենքի փոխարեն։ Իսկ դուք բոլորդ, հազարումի գիշակերներդ ու իժերդ, եկվորներդ ու ոսկրոտներդ, քվոթերբլադներդ ու պարազիտներդ, կանաչներդ ու խռպոտներդ, փողկապավորներդ ու հանազգեստավորներդ, մաքուրներդ, ձեր պայուսակներով, ճառերով ու բարեգործություններով, հավերժական ակումուլյատորներով, հավերժական շարժիչներով, «մժեղի ճաղատներով», սուտ խոստումներով բավական է ինչքան ինձ մատի վրա խաղացրիք, ամբողջ կյանքումս քթիցս բռնած ման ածեցիք, իսկ ես, հիմարս, պարծենում էի, որ ոնց կուզեմ՝ այնպես էլ կանեմ, իսկ դուք ինձ հաճոյանում էիք, տաքացնում, իսկ ինքներդ, իժեր, իրար աչքով էիք անում ու քթիցս բռնած քարշ էիք տալիս, տանում բանտ, տանում պանդոկ․․․ Հերիք է։ Նա քանդեց ուսապարկի փոկերը և Արթուրի ձեռքից վերցրեց տափաշիշը։
 +
 +
― Երբեք մտքովս չի անցել, ― ասաց Արթուրը՝ ձայնի մեջ հեզ տարակուսանք, ― նույնիսկ չեմ պատկերացրել․․․ Իհարկե գիտեի, որ մահ կա, կրակ․․․ Բայց այսպիսի բաներ․․․ Ոնց պիտի հետ դառնանք։
 +
 +
Ռեդրիը չէր լսում նրան։ Այն ինչ հիմա ասում է այս մարդը, այլևս ոչ մի իմաստ չունի։ Առաջ էլ ոչ մի իմաստ չուներ, բայց առաջ նա գոնե մարդ էր։ Իսկ հիմա․․․ խոսող գործիք է։ Թող խոսի։
 +
 +
― Լավ կլիներ՝ լվացվեինք․․․ ― Արթուրը մտահոգ շուրջը նայեց։ ― Գոնե դեմքներս թրջեինք։
 +
 +
Ռեդրիկը ցրված նայեց նրան, տեսավ թաղիքի նման իրար կպած մազերը, չորացած լորձով պատված դեմքը՝ վրան մատների թողած հետքերը, ու ոչ խղճահարություն զգաց, ոչ էլ զայրույթ։ Ո՛չ մի բան։ Խոսող գործիք։ Նա դեմքը շրջեց։ Առջևում փռված էր լքված շինհրապարակի պես մռայլ մի տարածություն, որը լցված էր սուր խճաքարով, պարուրված էր սպիտակ փոշով, ողոված էր արևի շլացուցիչ լույսով, անտանելիորեն սպիտակ, այրող, չարագույժ ու մեռյալ լույսով։ Քարհանքի հեռավոր ծայրն արդեն երևում էր այստեղից՝ նույնպես շլացուցիչ սպիտակ, և այստեղից թվում էր շատ հարթ ու լերկ, իսկ մոտիկ ծայրը՝ նշմարվում էր խոշոր բեկորների կույտով, և քարհանք իջնում էին այնտեղից, որտեղ բեկորների մեջ կարմիր գույնով երևում էր էքսկավատորի խցիկը։ Դա միակ կողմնորոշիչն էր։ Հարկավոր էր ուղիղ գնալ դեպի այդ էքսկավատորը, ապավինելով սոսկ միայն սովորական հաջողությանը։
 +
 +
Հանկարծ Արթուրը մի քիչ ձգվեց պառկած տեղից, ձեռքը մտցրեց ֆուրգոնի տակ ու այնտեղից հանեց պահածոյի մի ժանգոտած տուփ։
 +
 +
― Հապա նայեք, միստր Շուխարտ, ― ասաց նա աշխուժանալով։ ― Սա, երևի, հայրս է թողել․․․ Այնտեղ էլի կա։
 +
 +
Ռեդրիկը չպատասխանեց։ Իզուր էլ գտար, մտածեց նա անտարբեր։ Ավելի լավ կանես հիմա հորդ չհիշես, ավելի լավ է հիմա սսկվես։ Այսինքն միևնույն է․․․ Նա վեր կացավ ու ցավից ֆշշացրեց, որովհետև հագուստը կպել էր մարմնին, այրված մաշկին, ու հիմա ներսում ինչ֊որ բան ցավոտ պատռվում էր, պոկվում, ինչպես վերքին կպած չորացած վիրակապը։ Արթուրն էլ տեղից վեր կացավ և նույնպես տնքած, ֆսֆսաց ու կարեկցանքով նայեց Ռեդրիկին, երևում էր, որ շատ է ուզում ցավերից խոսել, բայց չի համարձակվում։ Նա միայն խեղճացած ասաց․
 +
 +
― Մի կում էլ տվեք, խնդրում եմ, միստր Շուխարտ։
 +
 +
Ռեդրիկը ձեռքում պահած տափաշիշը դրեց ծոցն ու ասաց․
 +
 +
― Քարերի միջի կարմիրը տեսնո՞ւմ ես։
 +
 +
― Տեսնում եմ, ― ասաց Արթուրն ու ջղաձգորեն շունչ քաշեց։
 +
 +
― Ուղիղ այդ կողմը։ Գնա։
 +
 +
Արթուրը տնքալվ ձգվեց, ուղղեց ուսերը, ցավից ծռմռվեց ու, շուրջը նայելով, շշնջաց․
 +
 +
― Գոնե մի քիչ լվացվեինք․․․ Ամեն ինչ կպել է իրար․․․
 +
 +
Ռեդրիկը լուռ սպասում էր։ Արթուրը հուսակտուր նայեց նրան և արդեն ուզում էր շարժվել, բայց իսկույն կանգ առավ։
 +
 +
― Ուսապարկը, ― ասաց նա։ ― Ուսապարկը մոռացել եք, միստր Շուխարտ։
 +
 +
― Մա՛րշ, ― հրամայեց Ռեդրիկը։
 +
 +
Նա ոչ բացատրել էր ուզում, ոչ խաբել։ Դա արդեն լրիվ անիմաստ էր։ Առանց դրա էլ կգնա։ Ուրիշ ի՞նչ պիտի անի։ Կգնա։ Եվ Արթուրը գնաց։ Օրորվելով, կռացած, ոտքերը քարշ տալով, աշխատելով պոկել երեսին չորացած կեղտը, մի տեսակ փոքրացած, նիհարած, ոնց որ անձրևից թրջված կատվի ձագ։ Ռեդրիկը շարժվեց նրա հետևից, ու հենց որ դուրս եկավ ստվերից, արևն այրեց ու կուրացրեց նրան, և նա ձեռքով փակեց աչքերը, ափսոսալով, որ սև ակնոց չի վերցրել։
 +
 +
Ամեն մի քայլից սպիտակ փոշու ամպ էր բարձրանում, փոշին նստում էր կոշիկներին, արձակելով մի անտանելի հոտ, ավելի ճիշտ՝ այդ հոտը Արթուրից էր փչում, հնարավոր չէր հետևից քայլել, ու Ռեդրիկը նոր միայն հասկացավ, որ ամենից շատ իր վրայից է փչում այդ հոտը։ Դա մի նողկալի հոտ էր, բայց նաև ծանոթ, այդ հոտն էր տարածվում քաղաքով մեկ այն օրերին, երբ հյուսիսային քամին գործարանի ծուխը լցնում էր քաղաքի փողոցները։ Իր հորից էլ էր նույն հոտը փչում, երբ նա տուն էր գալիս՝ աժդահա, մռայլ ու արյունով լցված կատաղի աչքերով, և Ռեդրիկը շտապ թաքնվում էր մի հեռու անկյունում ու այնտեղից վախվորած նայում, թե հայրն ինչպես է վրայից հանում աշխատանքային շորերն ու շպրտում մորը, հետո վիթխարի ոտքերից պոկելով հանում է մաշված կոշիկները, խցկում կախիչի տակ, ու ինքը, գուլպաներով, քստքստացնելով մերկ մարմինն, շրխկացնելով թասերը, քթի տակ ինչ֊որ բան մռթմռթալով, իսկ հետո գոռում է տնով մեկ․ «Մարիա՜։ Քնե՞լ ես»։ Պետք էր սպասել մինչև հայրը լողանա, նստի սեղանի մոտ, որտեղ արդեն դրված էր շիշը, թանձր ապուրով ափսեն ու կետչուպով բանկան, և սպասել, մինչև նա խպշտի ապուրը, անցնի մսին ու լոբուն, և ահա այդ ժամանակ արդեն կարելի էր դուրս գալ լույս աշխարհ, բարձրանալ նրա ծնկներին ու հարցնել, թե այսօր ո՛ր վարպետին ու ո՛ր ինժեներին է  նա խեղդել արջասպի յուղի մեջ․․․
 +
 +
Շուրջն ամեն ինչ շիկանալուց սպիտակել էր, և Ռեդրիկը սրտխառնոց էր զգում չոր ու դաժան տապից,հոգնածությունից, ճաքճքած մաշկը անտանելիորեն մղկտում էր ու մռմռում էր ծալքերում, ու նրան թվում էր, որ գիտակցությունը մթագնող այս կիզիչ մշուշի միջով մաշկը ճգնում է լսելի դարձնել իր ձայնը, աղերսելով դադար, ջուր ու զովություն։ Անճանաչելիության չափ մաշված հիշողությունները ահագնանում էին այտուցված ուղեղում, հրմշտում ու ցած գլորում իրար, խռնվում, ձուլվելով ու դառնալով ճերմակ, հրակեզ ու տոթ մի աշխարհ, որը պարում էր նրա կիսափակ աչքերի առաջ, ու այդ բոլոր հիշողությունները դառն էին, ու բոլորը ծնում էին ճանկռոտող խղճահարություն կամ ատելություն։ Նա փորձում էր խառնվել այդ մղձավանջին, ճգնում էր անցյալից հիշել մի որևէ քաղցր պատրանք, քնքշություն կամ առույգության զգացողություն, հիշողության խորքերից ճզմելով հանում էր Գուտայի նուրբ, ծիծաղկոտ դեմքը, աղջկական դեմքը՝ տենչալի ու անմատչելի, ու երբ արդեն ասես հայտնվելու վրա էր, հանկարծ ծածկվում էր ժանգով, աղավաղվում ու դառնում մռայլ, կոշտ կարմրավոին բրդով ծածկված կապիկի մռութ, նա ճգնում էր հիշել Կիրիլին, սուրբ մարդուն, նրա արագ, վստահ շարժումները, նրա ծիծաղը, նրա ձայնը, որ խոստանում էր աննման ու սքանչելի վայրեր և ժամանակներ, ու Կիրիլը հայտնվում էր նրա առաջ, իսկ հետո արևի վրա բռնկվում էր մի արծաթավուն սարդոստայն, և Կիրիլն արդեն չկար, ու նրա փոխարեն չթարթող, հրեշտակային աչքերով Ռեդրիկի դեմքին իր հայացքն էր գամում Խռպոտ Խյուն, ու նրա խոշոր սպիտակ ձեռքը ափի վրա ծանրութեթև էր անում ճենապակյա կոնտեյները․․․ Գիտակցուցյան մեջ պտտվող ինչ֊որ չար ուժեր անմիջապես թուլացնում էին կամային պատնեշը ու մարում այն քիչ լավը, որ դեռ մնում էր նրա հիշողության  մեջ, ու արդեն թվում էր, որ երբեք ոչ մի լավ բան չի եղել, այլ միայն մռութներ, մռութներ, մռութներ․․․
 +
 +
Եվ այդ ամբողջ ժամանակ նա մնում էր ստալկեր։ Առանց մտածելու, առանց գիտակցելու, առանց նույնիսկ հիշելու, նա ասես զգում էր ողնուղեղով, որ ձախից, անվտանգ հեռավորության վրա, հին տախտակների կույտի վերևում կանգնած է «ուրախ ուրվականը»՝ հանգիստ ու հալիծ ընկած։ Ահ, թքած նրա վրա։ Իսկ աջից քամի փչեց, ու մի քանի քայլ այն կողմ բացվեց հայելու պես հարթ ու լերկ «մժեղի ճաղատը»՝ ծովաստղի նման մի քանի պոչով, հեռու է, սարսափելի չէ, իսկ նրա կենտրոնում՝ ստվերի պես տափակած թռչուն, հազվադեպ մի բան, քանի որ Գոտում ընդհանրապես թռչուններ չեն թռչում։ Իսկ այ արահետի մոտ ընկած են երկու «փուչիկ»։ Երևում է Գիշակերն է գցել հետ դառնալիս, վախը հաղթել է ագահությանը․․․ Նա տեսնում էր այս ամենը և այս ամենը հաշվի առնում, ու հենց որ կռացած ու կծկված Արթուրը մի քայլ շեղվում էր ճիշտ ուղղությունից, Ռեդրիկի բերանը բացվում էր ինքն իրեն, ու խռպոտ, նախազգուշացնող գոռոցը ինքն իրեն դուրս էր թռչում նրա կոկորդից։ Մեքենա եմ, մտածեց նա։ Դուք ինձ մեքենա սարքեցիք․․․ Իսկ քարհանքի ծայրի քարեղեն բեկորները ավելի ու ավելի էին մոտենում, և էքսկավատորի կարմիր խցիկի տանիքին արդեն կարելի էր տեսնել ժանգի քմահաճ նախշերը։
 +
 +
Հիմար ես, Բարբրիջ, մտածում էր Ռեդրիկը։ Խորամանկ ես, բայց հիմար։ Դու ո՞նց հավատացիր ինձ, հը՞։ Դու հո ինձ վաղուց գիտես, դու պիտի որ ինձ ավելի լավ իմանայիր, ինձանից էլ լավ։ Պառավել ես, պառավել․․․ Խելքդ թռցրել ես։ Էլ չեմ ասում, որ ամբողջ կյանքումդ հիմարների հետ ես գործ ունեցել․․․ Ու նա պատկերացրեց, թե ինչպես կծռմռվի Գիշակերի մռութը, երբ իմանա, որ Արթուրը, իր սիրուն Արչին, իր արյունը․․․ Իր՝ Գիշակերի ոտքերի համար Շեկի հետ Գոտի է գնացել ոչ թե մի ինչ֊որ լակոտ, այլ իր հարազատ որդին, իր կյանքը, իր հարստությունը․․․ Ու, պատկերացնելով այդ մռութը, Ռեդրիկը ծիծաղեց։ Իսկ երբ Արթուրը վախեցած շրջվեց ու նայեց նրան, նա, շարունակելով ծիծաղել, ձեռքը թափ տվեց՝ գնա՛, գնա՛․․․ Ու նորից գիտակցության մեջ, ինչպես էկրանի վրա, սողացին մռութները․․․ Պետք էր ամեն ինչ փոխել։ Պետք էր փոխել ոչ թե մեկ կյանք, ոչ էլ երկու կյանք, պետք էր փոխել այս ստոր, ժահրահոտ աշխարհի ամեն մի պտուտակը․․․
 +
 +
Արթուրը կանգ առավ քարհանքի ուղղաբերձ պռնկի մոտ ու, ձգելով երկար վիզը, քարացավ, հայացքը հառած ներքև ու հեռուն։ Ռեդրիկը մոտեցավ ու կանգնեց նրա կողքը, բայց չնայեց այնտեղ, ուր նայում էր Արթուրը։
 +
 +
Հենց նրանց ոտքերի տակից քարհանքի խորքն էր իջնում մի ճանապարհ, որը դեռ շատ տարիներ առաջ բացել էին ծանր բեռնատարների անիվներն ու թրթուրները։ Ճանապարհի աջ կողմում շոգից ճաքճքած սպիտակ զառիկող պատն էր, իսկ ձախից զառիկողը կիսաքանդված էր, և քարերի ու խճի կույտի մեջ կանգնած էր մի կողմի վրա թեքված էքսկավատորը, նրա շերեփը ներքև էր կախվել և անուժ խրվել ճամփեզրի մեջ։ Ու, ինչպես և պետք էր սպասել, էլ ոչ մի բան չէր երևում ճանապարհին, միայն հենց շերեփի մոտ, զառիկողից  կախ էին ընկել ծռմռված սև ելուստ լեզվակներ, որոնք նման էին ձուլածո հաստ մոմերի, ու փոշու մեջ երևում էին բազմաթիվ սև կետեր, ասես այնտեղ հանքաձյութ էին թափթփել։ Ահա և այն ամենը, ինչ մնացել էր նրանցից, նույնիսկ հնարավոր չէ ասել, թե ինչքան մարդ է այստեղ եղել։ Երևի ամեն մի սև կետը մի մարդ է, Գիշակերի մի ցանկությունը։ Ահա այն կետը․ դա Գիշակերն է ողջ ու առողջ հետ եկել յոթերորդ կորպուսի նկուղից։ Իսկ այն մեծը Գիշակերն է, որ առանց դժվարության Գոտուց դուրս է բերել «շարժվող մագնիսը»։ Իսկ այն լեզվակը Դինա Բարբրիջն է, շքեղ գեղեցկուհին, որը նման չէ ոչ մորը, ոչ էլ հորը։ Իսկ այ սա Արթուր Բարբրիջն է, որը նույնպես նման չէ ոչ հորը, ոչ էլ մորը՝ սիրուն Արչին, հպարտությունը․․․
 +
 +
― Հասա՜նք, ― մոլեգնած խռխռացրեց Արթուրը։ ― Միստր Շուխարտ, այնուամենայնիվ, հասա՜նք, չէ՞։
 +
 +
Նա ծիծաղեց երջանիկ ծիծաղով, պպզեց ու բռունցքներով սկսեց ուժգին խփել գետնին։ Նրա գագաթի մազերը ծիծաղելիորեն ցնցվում էին ու թռչում չորս կողմ։ Եվ միայն այդ ժամանակ Ռեդրիկը բարձրացրեց աչքերը ու նայեց գնդին։ Զգուշորեն։ Վախենալով։ Մի գողունի վախով, որ այդ գունդը հանկարծ չի լինի այնպիսին՝ կհիասթափեցնի, կասկած կհարուցի, ցած կնետի երկնքից, որտեղ իրեն հաջողվեց մագլցել՝ կուլ տալով ժանտահոտ խյուսը․․․
 +
 +
Գունդը ոսկե չէր, այն ավելի շուտ պղինձ էր, կարմրավուն, բացարձակապես հարթ, և աղոտ փայլատակում էր արևի տակ։ Այն ընկած էր քարհանքի հեռավոր պատի տակ, հարմար տեղավորված էր վաղուց թափված ապարի կույտի մեջ ու նույնիսկ այստեղից էլ էր երևում, թե որքան  հոծ է ու ինչպես է ծանրությամբ ճզմել ընկած տեղը։
 +
 +
Նրա մեջ ոչ մի հիասթափեցնող կամ կասկած հարուցող բան չկար, բայց չկար նաև հուսադրող բան։ Չգիտես ինչու, միանգամից այն միտքն էր ծագում, որ սնամեջ է, ու եթե ձեռքով շոշափես, շատ տաք պետք է լինի՝ արևն է շիկացրել։ Նա հաստատ չէր լուսարձակում ու հաստատ ընդունակ չէր օդ թռչելու և պարելու, ինչ նրան վերագրում էին բազմաթիվ առասպելները։ Նա գտնվում էր այնտեղ, ուր ընկել էր։ Միգուցե ընկել էր մի ինչ֊որ վիթխարի գրպանից, կամ էլ գլորվել ու կորել էր ինչ֊որ աժդահաների խաղի ժամանակ։ Գունդը չի դրվել այստեղ, այն ընկել մնացել էր, ինչպես որ այստեղ ընկել մնացել էին բոլոր «փուչիկներն» ու «ապարանջանները», «մարտկոցներն» ու Այցելությունից հետո մնացած ամեն տեսակ ազբը․․․
 +
 +
Բայց և այնպես նրա մեջ ինչ֊որ բան կար, և որքան շատ էր Ռեդրիկը նայում, այնքան հստակորեն էր հասկանում, որ գնդի վրա նայելը հաճելի է, որ ուզում ես մոտենալ նրան, ձեռքերով շոյել, ու չգիտես որտեղից հառնեց այն միտքը, թե լավ կլինի, եթե նստես նրա կողքը, իսկ էլ ավելի լավ կլինի, եթե մեջքով հենվես նրան, գլուխդ հետ գցես ու, աչքերդ փակելով, մտածես, հիշես, իսկ գուցեև պարզապես քնես, հանգստանաս․․․
 +
 +
Արթուրը վեր թռավ, արձակեց իր բաճկոնի բոլոր կոճակները, պոկեց֊հանեց հագից այդ բաճկոնը ու շպրտեց ոտքերի տակ, բարձրացնելով սպիտակ փոշու սյուն։ Նա ինչ֊որ բան էր գոռում, ծամածռելով դեմքն ու թափահարելով ձեռքերը, իսկ հետո ձեռքեըը դրեց մեջքին ու, պարելով, ճարպկորեն վեր նետելով ոտքերը, սկսեց թռչկոտելով ցած իջնել թեքությմբ։ Նա արդեն չէր նայում Ռեդրիկին, նա մոռացել էր իր Ռեդրիկին, նա մոռացել էր ամեն ինչ, նա գնում էր կատարելու իր բոլոր ցանկությունները, քոլեջի աշակերտի իր փոքրիկ, բաղձալի ցանկությունները, այդ տղան, որը կյանքում ոչ մի փող չէր տեսել, բացի այսպես կոչված գրպանի փողերից, այդ կաթնակերը, որին տանը անխնա ծեծում էին, եթե վրայից թեկուզ մի քիչ օղու հոտ էին առնում, որին ուզում էին անպայման նշանավոր իրավաբան դարձնել, իսկ հեռանկարում՝ մինիստր, իսկ էլ ավելի հեռավոր ապագայում ինքներդ եք հասկանում՝ պրեզիդենտ։ Կուրացնող լույսից կկոցելով բորբոքված աչքերը, Ռեդրիկը լուռ նայում էր նրա հետևից։ Նա սառն էր ու հանգիստ, նա գիտեր հիմա ինչ է կատարվելու, ու գիտեր, որ ինքը չի նայելու դրան, բայց առայժմ դեռ կարելի էր նայել, ու նա նայում էր, առանձնապես ոչ մի բան չզգալով, միայն թե ներսում, շատ֊շատ խորքում, հանկարծ մի անդադրում որդ շարժվեց ու պտտեցրեց փշոտ գլուխը։
 +
 +
Իսկ տղան անընդհատ իջնում էր՝ պարելով ու թռչկոտելով զառիկող ճանապարհին, և սպիտակ փոշին վեր էր բարձրանում «չեչոտկա» դոփող նրա ոտքերի տակից, ու նա ամբողջ ձայնով ինչ֊որ բան էր գոռում, զրնգուն և շատ ուրախ ձայնով, և շատ հանդիսավոր, ինչպես երգ կամ անեծք, ու Ռեդրիկը մտածեց, որ հանքի գույության ողջ ընթացքում առաջին անգամ են այս ճանապարհով իջնում այսպես, ասես տոնախմբության են գնում։ Ու սկզբում չէր լսում, թե ինչ է գոռում այդ խոսող գործիքը, իսկ հետո կարծես նրա մեջ ինչ֊որ բան միացավ, ու նա լսեց․
 +
 +
― Երջանկությո՜ւն բոլորի համար․․․ Ձրի՜․․․ Ինչքա՜ն կուզեք երջանկություն․․․ Բոլո՛րդ հավաքվեցեք այստեղ․․․ Կհասնի՜ բոլորին․․․ Ոչ ոք նեղացած չի գնա․․․ Ձրի՜․․․ Երջանկությո՜ւն․․․ Ձրի՜․․․
 +
 +
Իսկ հետո հանկարծ լռեց, ասես մի վիթխարի ձեռք թափով խցոց մտցրեց նրա բերանը։ Ու Ռեդրիկը տեսավ, ինչպես էքսկավատորի շերեփի ստվերում թաքնված թափանցիկ դատարկությունը ճանկեց նրան, նետեց օդ ու դանդաղորեն, ասես ճիգ գործադրելով, քամեց, ինչպես կանայք լվացք են քամում։ Ռեդրիկը հասցրեց նկատել, ինչպես փոշոտ կոշիկներից մեկը պոկվեց թպրտացող ոտքից ու թռավ հանքի վերևով։ Ապա նա շրջվեց ու նստեց գետնին։ Նրա գլխում չկար և ոչ մի միտք, ու նա դադարեց զգալ ինքն իրեն։ Չորս կողմը լռություն էր, ու հատկապես լուռ էր թիկունքում, ճանապարհի վրա։ Այդժամ նա հիշեց տափաշշի մասին, հիշեց առանց սովորական ուրախության, որպես դեղ, որն ընդունելու ժամն էր։ Նա բացեց կափարիչն ու սկսեց խմել փոքրիկ, ժլատ կումերով և կյանքում առաջին անգամ ցանկացավ, որ տափաշշում ոչ թե վիսկի լինի,այլ սառը ջուր․․․
 +
 +
Անցավ բավականին երկար ժամանակ, ու նրա գլծում սկսեցին հայտնվել քիչ թե շատ կապակցված մտքեր։ Դե, ամեն ինչ վերջացավ, մտածում էր նա։ Ճանապարհը բաց է։ Հիմա արդեն կարելի է գնալ, բայց ավելի լավ է մի քիչ էլ սպասի։ «Մսաղացները» սիրում են օյիններ խաղալ։ Համ էլ՝ մտածել է պետք։ Արտառոց բան է մտածելը, այ դա է դժվարը։ Ի՞նչ է նշանակում «մտածել»։ Մտածել՝ նշանակում է ստել, ճարպկորեն ճողոպրել, մատի վրա խաղացնել․․․ Բայց չէ՞ որ այս ամենը հիմա պետք չէ․․․
 +
 +
Դե լավ, Կապիկ, հայրիկ․․․ Վրեժխնդիր լինել բոլորից, այդ իժերի հոգին հանել, թող նրանք էլ այդ զիբիլը լափեն, ոնց որ ես էի լափում․․․ Չէ՛, Շեկ, չեղավ․․․ Այսինքն, հենց դա է․․․ Իհարկե։ Բայց ի՞նչ է նշանակում այս ամենը։ Իսկ ես ի՞նչ եմ ուզում։ Չէ՞ որ սա հայհոյանք է, և ոչ թե մտածել։ Նա սառեց ինչ֊որ մի ահավոր կանխազգացումից և, միանգամից թռչելով բազում ամենատարբեր դատողությունների  վրայից, որոնք դեռ պիտի լինեին, մոլեգնորեն հրամայեց ինքն իրեն․ Դո՛ւ, Շեկ, այստեղից ոչ մի տեղ չես գնա, մինչև կարգին չմտածես ինչն ինչոց է, կսատկես  այդ գնդիկի կողքին, կտապակվես, կփտես, բայց չես գնա․․․
 +
 +
Աստված իմ, որտե՞ղ են բառերը, որտե՞ղ են իմ մտքերը։ Նա կիսաբաց բռունցքով ուժգին խփեց դեմքին։ Չէ՞ որ ամբողջ կյանքում նա ոչ մի միտք չէր ունեցել։ Սպասիր, սպասիր, Կիրիլն էլ էր ինչ֊որ նման բան ասում․․․ Կիրիլ։ Նա տենդագին փորփրում էր հիշողությունները, ու հառնում էին ինչ֊որ բառեր՝ ծանոթ ու անծանոթ, բայց դրանք այն բառերը չէին, որովհետև Կիրիլից բառեր չէին մնացել։ Կիրիլից մնացել էին ինչ֊որ աղոտ պատկերներ՝ շատ բարի, սակայն բացարձակապես անճշմարտանման պատկերներ։
 +
 +
Ստորություն, ստորություն․․․ Այստեղ էլ նրանք ինձ խաբեցին, առանց լեզու թողեցին ինձ․․․ Իժեր․․․ Սրիկաներ․․․ Ոնց որ սրիկա եղել է, այնպես էլ սրիկա պառավել է․․․ Այ դա պիտի չլինի։ Դու լսո՞ւմ ես։ Որ ապագայում դա մեկընդմիշտ արգելվի։ Մարդը ծնվել է, որպեսզի մտածի (ահա նա՝ Կիրիլը, վերջապես․․․): Միայն թե ես դրան չեմ հավատում․․․ Առաջ էլ չեմ հավատացել, հիմա էլ չեմ հավատում, ու թե ինչի համար է մարդը ծնվել՝ չգիտեմ։ Ծնվել է, ուրեմն ծնվել է։ Ուտում են՝ ով ինչ կարողանում է։ Թող մենք բոլորս էլ առողջ լինենք, իսկ նրանք բոլորորը թող սատկեն։ Իսկ ովքե՞ր ենք մենք։ Ովքե՞ր են նրաք։ Անհասկանալի բաներ են։ Ես ինձ լավ եմ զգում՝ Բարբրիջն է իրեն վատ զգում, Բարբրիջն է լավ զգում՝ Ակնոցավորի համար է վատ, Խռպոտն իրեն լավ է զգում՝ բոլորն էլ վատ են զգում, և ինքը Խռպոտն էլ է վատ, միայն թե նա՝ հիմարը, երևակայում է, թե կկարողանա ժամանակին գլուխը պրծացնել․․․ Տեր աստված, չէ որ սա շիլափլավ է, շիլափլավ։ Ես ամբողջ կյանքումս կռվում եմ կապիտան Քվոտերբլադի հետ, իսկ նա իր ողջ կյանքում կռվել է Խռպոտի հետ, ու ինձնից՝ դմբոյիցս միայն մի բան է ուզել՝ որ ես թողնեմ ստալկերությունը։ Բայց թե ո՞նց կարող էի թողնել ստալկերությունը, երբ պետք է կերակրեի ընտանիքս։ Աշխատեի՞։ Բայց ես չեմ ուզում ձեզ համար աշխատել, սիրտս խառնում է ձեր աշխատանքից․ դուք կարո՞ղ եք սա հասկանալ։ Ես այսպես եմ կարծում․ եթե ձեր մեջ մարդը աշխատում է, ուրեմն նա աշխատում է ձեզանից մեկնումեկի համար, ու նա ստրուկ է և ուրիշ ոչինչ, իսկ ես միշտ ուզել եմ ազատ լինել․ ուզել եմ լինել ես ինքս, որ թքեմ բոլորի վրա, ձեր թախիծի ու ձեր ձանձրույթի վրա․․․
 +
 +
Նա խմեց մնացած կոնյակը ու, ինչքան ուժ ուներ, տափաշիշը զարկեց գետնին։ Տափաշիշը վեր թռավ, փայլատակելով արևի տակ, ու գլորվեց ինչ֊որ տեղ, և Ռեդրիկն իսկույն մոռացավ նրա մասին։ Հիմա նա նստած էր աչքերը ձեռքերով փակած, ու փորձում էր արդեն ոչ թե հասկանալ, ոչ թե մտածել, այլ գոնե տեսնել ինչ֊որ մի բան, ինչպես պետք է որ լինի․․․ Բայց դարձյալ ու դարձյալ տեսնում էր միայն մռութներ, մռութներ, մռութներ․․․ Կանաչ փողեր, շշեր, քրջերի կույտեր, որոնք ժամանակին մարդ են եղել, թվերի սյունակներ․․․ Նա գիտեր, որ պետք է ոչնչացնել այդ ամենը, և ուզում էր ոչնչացնել, բայց գլխի էր ընկնում, որ եթե այդ ամենը ոչնչացվի, ապա բան չի մնա, բացի հարթ ու ամայի հողից։ Անզորությունից ու հուսահատությունից նա նորից ուզեց մեջքը հենել ու գլուխը հետ գցել։ Նա վեր կացավ, մեքենաբար թափ տվեց շորերին կպած փոշին ու սկսեց իջնել քարհանք։
 +
 +
Արևն այրում էր, աչքերի առջև լողում էին կարմիր բծեր, քարհանքի հատակին դողդողում էր օդը, և այդ դողդողուն օդի մեջ թվում էր, թե գունդը պարում է տեղում, ինչպես լողանը ալիքների վրա։ Ռեդրիկն անցավ շերեփի մոտով, սնահավատորեն ոտքերը բարձրացնելով և ուշադիր հետևելով, որ չտրորի սև բծերը, իսկ հետո, խրվելով փխրուն հողի մեջ, քարհանքի մեջտեղով ուղիղ գնաց դեպի պարող ու թրթռացող գունդը։ Նա կորել էր քրտնքի մեջ, շնչահեղջձ էր լինում շոգից, բայց միաժամանակ սառը մի դող  պատում էր նրա մարմինը, ու նա ցնցվում էր, ինչպես հարբած ժամանակ, իսկ ատամների տակ կրճտում էր անհամ կավճափոշին։ Ու նա այլևս չէր փորձում մտածել։ Միայն հուսահատորեն կրկնում էր աղոթքի պես․ «Ես կենդանի եմ, դու հո տեսնում ես, որ ես կենդանի եմ։ Ես բառեր չունեմ, ինձ բառեր չեն սովորեցրել, ես չեմ կարողանում մտածել, այդ իժերը չթողեցին, որ ես մտածել սովորեմ։ Բայց եթե դու իսկապես այդպիսին ես․․․ ամենազոր, ամենակարող, ամենագետ՝ ինքդ հասկացիր։ Նայիր իմ հոգու մեջ, ես գիտեմ, որ այնտեղ կա այն ամենը, ինչ քեզ պետք է։ Պետք է լինի։ Չէ՛ որ ես իմ հոգին երբեք և ոչ մեկին չեմ ծախել։ Դա իմն է, մարդկայի՛ն։ Դու ինքդ ինձնից դուրս քաշիր իմ ուզածը, չէ որ անհնարին բան է, որ ես վատը կամենամ։ Անիծյալ լինի ամեն ինչ, ես ոչ մի բան չեմ կարողանում մտածել, բացի նրա բառերից․ «Երջանկություն բոլորի համար, ձրի, ու թող ոչ ոք նեղացած չգնա»։

14:53, 26 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Խնջույք ճամփեզրին

հեղինակ՝ Արկադի Ստրուգացկի, Բորիս Ստրուգացկի
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան ( ռուսերենից)
աղբյուր՝ «Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ»

Դու պիտի բարիք արարես չարիքից, քանզի այն ուրիշ բանից չես ստեղծի։
Ռ․ Պ․ Ուորեն

Այն հարցազրույցից, որ Հարմոնտի ռադիոյի սեփական թղթակիցը վարեց դոկտոր Վալենտին Պիլմանի հետ՝ վերջինիս ֆիզիկայի գծով Նոբելյան մրցանակ շնորհելու առթիվ 19․․․․ թվականին։

― Ձեր առաջին լուրջ հայտնագործությունը, դոկտոր Պիլման, հավանաբար պետք է համարել այսպես կոչված Պիլմանի ռադիանտը։

― Կարծում եմ՝ ոչ։ Պիլմանի ռադիանտը առաջինը չէ, լուրջ չէ և, իսկապես ասած, ոչ էլ հայտնագործություն է։ Ու բնավ էլ իմը չէ։

― Դուք, երևի, կատա՞կ եք անում, դոկտոր։ Պիլմանի ռադիանտ հասկացությունը գիտե ամեն մի դպրոցական։

― Դա ինձ չի զարմացնում։ Պիլմանի ռադիանտը առաջին անգամ հայտնագործել է հենց մի դպրոցական։ Դժբախտաբար, ես չեմ հիշում նրա անունը։ Նայեք Սթեթսոնի «Այցելությունների պատմությունը», այնտեղ այդ ամենը մանրամասն պատմված է։ Ռադիանտն առաջին անգամ հայտնաբերել է մի դպրոցական, կոորդինատներն առաջին անգամ հրապարակել է մի ուսանող և, չգիտես ինչու, այն անվանել են իմ անունով։

― Այո, հայտնագործությունների հետ երբեմն տարօրինակ բաներ են կատարվում։ Դուք չէ՞իք կարող մեր ունկնդիրներին բացատրել, դոկտոր Պիլման․․․

― Լսեք, հայրենակից։ Պիլմանի ռադիանտը շատ հասարակ մի բան է։ Պատկերացրեք, որ դուք պտտում եք մեծ գլոբուսը և հետո ատրճանակով սկսում եք գնդակոծել այն։ Գլոբուսի վրա գնդակների առաջացրած անցքերը կլինեն մի սահուն կորի վրա։ Այն երևույթի բուն էությունը, որը դուք անվանում եք իմ առաջին լուրջ հայտնագործությունը, հետևյալ հասարակ փաստն է։ Այցելության վեց գոտիներն էլ այնպես են տեղադրված մեր մոլորակի մակերևույթին, ասես ինչ֊որ մեկը ատրճանակով վեց անգամ կրակել է Երկրի վրա, գտնվելով Երկիր֊Դենետ գծի ինչ֊որ կետում։ Դենետը Կարապի համաստեղության ալֆան է, իսկ երկնակամարի այն կետը, որտեղից այսպես ասած կրակել են, հենց կոչվում է Պիլմանի ռադիանտ։

― Շնորհակալություն, դոկտոր Պիլման։ Սիրելի հարմոնտցիներ։ Վերջապես մեզ կարգին բացատրեցին, թե ինչ բան է Պիլմանի ռադիանտը։ Ի դեպ, երեկ լրացավ Այցելության օրվա ճիշտ տասներեք տարին։ Դոկտոր Պիլման, գուցե դուք այդ առթիվ մի քանի խոսք կասեք ձեր հայրենակիցներին։

― Նրանց հատկապես ի՞նչն է հետաքրքրում։ Նկատի ունեցեք, որ այն ժամանակ ես Հարմոնտում չեմ եղել․․․

― Առավել ևս հետաքրքիր է իմանալ, թե դուք ինչ մտածեցիք, երբ ձեր հայրենի քաղաքը դարձավ այլմոլորակային գերքաղաքակրթության ներխուժման օբյեկտը․․․

― Անկեղծորեն ասած, ամենից առաջ մտածեցի, որ դա փչոց է։ Դժվար էր պատկերացնել, որ մեր հին ու փոքրիկ Հարմոնտում նման բան կարող է տեղի ունենալ։ Գոբի, Նյուֆաունդլենդ ― դրանք էլի խելքի մոտ բան են, բայց Հարմոնտը․․․․

― Սակայն վերջ ի վերջո դուք ստիպված էիք հավատալ։

― Վերջ ի վերջո՝ այո։

― Եվ ի՞նչ։

― Հանկարծ մտքովս անցավ, որ Հարմոնտը և Այցելության մյուս հինգ գոտիները․․․ ի դեպ, կներեք, այն ժամանակ միայն չորսն էին հայտնի․․․ բոլորն էլ ընկնում են շատ հարթ կորագծի վրա։ Ես հաշվեցի ռադիանտի կոորդինատները և դրանք ուղարկեցի «Նեյչուրին»։

― Ու հայրենի քաղաքի ճակատագիրը բոլորովին չհուզե՞ց ձեզ։

― Դեհ, գիտեք, այն ժամանակ ես արդեն հավատում էի Այցելությանը, բայց ոչ մի կերպ ինձ չէի կարողանում ստիպել հավատալու հրդեհվող թաղամասերի, հատկապես ծերունիներին ու մանուկներին խժռող հրեշների, անխոցելի եկվորների և չափազանց խոցելի, բայց անհողդողդ ու քաջարի թագավորական տանկային զորամասերի միջև ծավալված արյունահեղ մարտերի վերաբերյալ խուճապահար լուրերին։

― Դուք իրավացի էիք։ Հիշում եմ, մեր եղբայր հաղորդավարը այն ժամանակ մի քիչ խառնել էր․․․ Սակայն վերադառնանք գիտությանը։ Պիլմանի ռադիանտի հայտնագործումը ձեր առաջին, բայց ոչ վերջին ներդրումն էր Այցելության վերաբերյալ գիտության մեջ։

― Առաջինն է և վերջինը։

― Բայց դուք, անշուշտ, այս ամբողջ ժամանակամիջոցում ուշադրությամբ հետևել եք Այցելության գոտիներում կատարվող միջազգային հետազոտություններին․․․

― Այո․․․ Ժամանակ առ ժամանակ թերթում եմ «Զեկուցումները»։

― Դուք նկատի ունեք «Անդրերկրյան կուլտուրաների միջազգային ինստիտուտի զեկուցումնե՞րը»։

― Այո։

― Եվ ո՞րն է, ձեր կարծիքով, ամենակարևոր հայտնագործությունն այս տասներեք տարվա ընթացքում։

― Այցելության բուն փաստը։

― Ներեցեք։

― Այցելության բուն փաստը առավել կարևոր հայտնագործություն է ոչ միայն անցած տասներեք տարիների ընթացքում, այլև մարդկության գոյության ողջ ժամանակամիջոցում։ Եվ կարևոր չէ բնավ, թե ովքեր էին այդ եկվորները։ Կարևոր չէ, թե որտեղից են եկել նրանք, ինչու են եկել, ինչու այդքան քիչ մնացին և հետո ուր կորան։ Կարևորն այն է, որ այժմ մարդկությունը հաստատ գիտե, որ ինքը միայնակ չէ Տիեզերքում։ Վախենում եմ, որ անդրերկրային կուլտուրաների ինստիտուտին այլևս երբեք բախտ չի վիճակվի նման հիմնավոր հայտնագործություն կատարել։

― Դա չափազանց հետաքրքիր է, դոկտոր Պիլման, բայց ես, ճիշտն ասած, նկատի ունեի տեխնոլոգիական կարգի հայտնագործություններ։ Այնպիսի հայտնագործություններ, որոնք կկարողանային օգտագործել մեր երկրային գիտությունն ու տեխնիկան։ Չէ՞ որ մի շարք շատ հռչակավոր գիտնականներ գտնում են, որ Այցելության գոտիներում հայտնաբերված գտածոները կարող են փոխել մեր պատմության ողջ ընթացքը։

― Դեհ, ես չեմ պատկանում այդ տեսակետի կողմնակիցների թվին։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ գտածոներին, ապա՝ մասնագետ չեմ։

― Բայց արդեն երկու տարի դուք ՄԱԿ֊ի հանձնաժողովի խորհրդատուն եք Այցելության պրոբլեմների գծով․․․

― Այո։ Բայց ես ոչ մի առնչություն չունեմ անդրերկրային կուլտուրաների ուսումնասիրության հետ։ ԿՈՊՐՈՊՈ֊ում ես իմ կոլեգաների հետ միասին ներկայացնում եմ միջազգային գիտական հասարակայնությունը, երբ խոսքը գնում է Այցելությունների գոտիների միջազգայնացման վերաբերյալ ՄԱԿ֊ի որոշումների կատարման հսկողությունը։ Կոպիտ ասած, մենք հետևում ենք, որ Գոտիներում ձեռք բերված այլմոլորակյա հրաշքները տրամադրվեն միայն Միջազգային ինստիտուտին։

― Իսկ մի՞թե ուրիշներն էլ են ձգտում տիրանալ այդ հրաշքներին։

― Այո։

― Դուք, երևի, նկատի ունեք ստալկերների՞ն։

― Ես չգիտեմ, թե դա ինչ բան է։

― Մեզ մոտ, Հարմոնտում, այդպես են անվանում այն հանդուգն ջահելներին, որոնք, իրենց վտանգի ենթարկելով, սեփական նախաձեռնությամբ թափանցում են Գոտի և այնտեղից դուրս են բերում այն ամենը, ինչ հաջողվում է գտնել։ Դա մի իսկական նոր մասնագիտություն է։

― Հասկանում եմ։ Ոչ, դա մեր իրավասությունից դուրս է։

― Անշուշտ։ Դրանով ոստիկանությունն է զբաղվում։ Սակայն հետաքրքիր կլիներ իմանայինք, թե ինչն է մտնում ձեր իրավասության մեջ, դոկտոր Պիլման․․․

― Տեղի է ունենում Այցելության Գոտիներից հանված նյութերի մշտական հոսք անպատասխանատու անձանց և կազմակերպությունների ձեռքը։ Մենք զբաղվում ենք այդ հոսքի արդյունքներով։

― Չի՞ կարելի ավելի հանգամանորեն, դոկտոր։

― Ավելի լավ է, եկեք խոսենք արվեստի մասին։ Մի՞թե ունկնդիրներին չի հետաքրքրում իմ կարծիքը անզուգական Գվադի Մյուլերի մասին։

― Օ՜, անշուշտ։ Բայց ես կցանկանայի նախ խոսել գիտության մասին։ Դուք, որպես գիտնական, չե՞ք ցանկանում ինքներդ զբաղվել այլմոլորակյա հրաշքներով։

― Ինչպես ասեմ․․․ Թերևս։

― Ուրեմն, հույս ունենանք, որ մի գեղեցիկ օր հարմոնտցիները իրենց նշանավոր հայրենակցին կտեսնեն հարազատ քաղաքի փողոցներում։

― Բացառված չէ։

1. Ռեդրիկ Շուխարտ, 23 տարեկան, Անդրերկրային կուլտուրաների միջազգային ինստիտուտի Հարմոնտի մասնաճյուղի լաբորանտ։

Նախօրյակին, երեկոյան կողմ ես ու նա կանգնել էինք պահեստարանում․ մնում էր միայն հանել արտահագուստները, ու կարելի էր արդեն մեզ գցել «Բորժչ», որ մի երկու կաթիլ թունդ բան լցնենք օրգանիզմներս։ Ես հենց այնպես կանգնել էի, պատին հենված, գործս արել էի ու հիմա ձեռքիս պատրաստ պահել էի մի սիգարեթ․ սոսկալի ծխել էի ուզում, երկու ժամ չէի ծխել, իսկ նա դեռ իր ապրանքն էր տեղավորում․ փոխադրիչից վերցնում է «փուչիկները», ամեն մեկը չորս կողմից տնտղում (ի միջի այլոց դա ծանր է, ամեն մեկը վեցուկես կիլոգրամ) ու, փնչացնելով, սիրուն դնում է դարակը։

Արդեն ինչքա՜ն ժամանակ նա գլուխ է կոտրում այդ «փուչիկների» վրա ու, ըստ իս, առանց որևէ օգուտ տալու մարդկությանը։ Ես նրա տեղը վաղուց արդեն թքած կլինեի դրանց վրա ու նույն փողով մի ուրիշ բանով կզբաղվեի։ Չնայած, մյուս կողմից, որ մտածենք, «փուչիկը» իրոք առեղծվածային բան է և մի տեսակ անհասկանալի։ Ինչա՜ն եմ ես դրանք շալակած տարել, միևնույն է, ամեն տեսնելուս ապշում եմ, չեմ կարող․․․ Ընդամենը իրենից ներկայացնում է թեյի ափսեի չափ մի հինգ միլիմետր հաստությամբ երկու պղնձե սկավառակ, սկավառակների միջև ընկած տարածությունը կլինի չորս հարյուր միլիմետր և, բացի այդ տարածությունից, նրանց արանքում ոչ մի բան չկա։ Այսինքն՝ բոլորովին բան չկա, դատարկություն է։ Ուզում ես ձեռքդ մտցրու այնտեղ, ուզում ես՝ գլուխդ, եթե դու լրիվ շշմել ես զարմանքից․ դատարկություն է և դատարկություն, միայն օդ։ Եվ այնուամենայնիվ նրանց արանքում ինչ֊որ բան կա, ինչ֊որ մի ուժ, ինչպես հասկանում եմ ես, որովհետև չես կարող այդ սկավառակները սեղմել֊կպցնել իրար, ոչ էլ կարող ես դրանք իրարից հեռացնել․․․ Դեռ ոչ մեկին չի հաջողվել դա անել։

Չէ, տղերք, շատ դժվար է դա նկարագրելը, եթե քո աչքով չես տեսնում, ախր արտաքուստ շատ հասարակ բան է, մանավանդ որ տեսնում ես ու աչքերիդ հավատում։ Դա նույնն է, թե բաժակը կամ, աստված չանի, գինու գավաթը ուզենաս մեկնումեկին նկարագրել, միայն մատներդ կշարժես ու կհայհոյես անզորությունից։ Լավ, ընդունենք, որ դուք ամեն ինչ հասկացաք, իսկ ով էլ որ չի հասկացել, թող վերցնի ինստիտուտի «Զեկուցումները», այնտեղ ամեն մի համարում այդ «փուչիկների» մասին հոդված կա․․․

Մի խոսքով, Կիրիլն արդեն համարյա մեկ տարի գլուխ է ջարդում այդ «փուչիկների» վրա։ Ես հենց ամենասկզբից նրա մոտ եմ, բայց մինչև հիմա էլ խելքս չի կտրում, թե նա դրանցից ինչ է ուզում, դեհ, որ ճիշտն ասեմ, առանձնապես շատ էլ չեմ ձգտում հասկանալ։ Թող նախ ինքը հասկանա, ինքը գլուխ հանի, ու այն ժամանակ, երևի, ես կլսեմ նրան։ Իսկ առայժմ մի բան է ինձ համար պարզ։ Նա ուզում է, ինչ կերպ էլ լինի, մի հատ «փուչիկ» բաց անել, թթուներով ախտահանել, մամլիչի տակ տափակացնել, հալել վառարանում։ Ու այդ ժամանակ ամեն ինչ կպարզվի նրա համար, նա կարժանանա փառք ու պատվի, և ողջ համաշխարհային գիտությունը կցնցվի գոհունակությունից։ Բայց առայժմ, որքան ես հասկանում եմ, այս ամենը շատ հեռու բաներ են։ Առայժմ նա ոչ մի բանի չի հասել, լրիվ հալից ընկել է, մի տեսակ մոխրագույն է դարձել, լռակյաց, աչքերն էլ ոնց որ հիվանդ շան աչքեր լինեն, նույնիսկ արցունքակալում են։ Եթե նրա փոխարեն մեկ ուրիշը լիներ, ես նրան մի լավ կխմացնեի, մի լավ կնկա մոտ կտանեի, որ նրան մի քիչ տեղից շարժեր, իսկ առավոտյան նորից կխմացնեի ու նորից կտանեյի կնկա մոտ, մի ուրիշ կնկա, ու մի շաբաթ հետո նա լրիվ կփոխվեր, կարգին մարդ կդառնար։ Միայն թե այս բուժումը Կիրիլի համար չէ․ նույնիսկ չարժե նրան նման բան առաջարկել, դա նրա խելքի բանը չէ։

Ուրեմն, նրա հետ կանգնած եմ պահեստարանում, նայում եմ, ինչ օրի է հասել, աչքերը փոս են ընկել, ու այնպես խղճացի նրան, որ սիրտս ճմլվեց։ Ու հանկարծ որոշեցի, այսինքն նույնիսկ ոչ թե ինքս որոշեցի, այլ կարծես մեկը լեզվիցս քաշեց․

― Լսիր ասում եմ, Կիրիլ․․․

Իսկ նա կանգնել է, վերջին «փուչիկը» գրկած, ու այնպիսի տեսքով, ասես քիչ է մնում մեջը խցկվի։

― Լսիր, ― ասում եմ, ― Կիրիլ։ Իսկ եթե դու լիքը «փուչիկ» ունենայի՞ր։

― Լիքը «փուչի՞կ», ― հարցս կրկնում է նա ու հոնքերը խոժոռում, ասես նրա հետ չինարեն են խոսում։

― Հա էլի, ― ասում եմ։ ― Քո այդ հիդրոմագնիսական ծուղակը, ոնց են ասում․․․ յոթանասունյոթ֊բե օբյեկտը։ Մի ախմախ բանով լցված լիներ․․․

Տեսնում եմ, ոնց որ տեղ հասավ․․․ Հայացքը բարձրացրեց վրաս, աչքերը կկոցեց, ու այնտեղ, շնային արցունքների մեջ, բանականության մի ցոլք երևաց, ինչպես ինքն է սիրում արտահայտվել։

― Սպասիր, ― ասում է նա։ ― Լի՞քը, ասում ես։ Հենց սա, միայն թե լի՞քը։

― Հա, էլի։

― Որտե՞ղ է։

Բուժվեց իմ Կիրիլը։ Ականջները սրեց, պոչը տնկեց։

― Գնանք, ― ասում եմ, ― գնանք ծխենք։

Նա աշխուժորեն «փուչիկը» խցկեց սեյֆի մեջ, դուռը շրխկացրեց, երեք անգամ պտտեցինք բանալին, ու մենք գնացինք լաբորատորիա։ Դատարկ «փուչիկի» համար Էռնեստը առձեռն տալիս է չորս հարյուր ռուբլի, իսկ լիքը «փուչիկի» համար ես այդ շան որդու ամբղջ գարշելի արյունը կխմեի, բայց ուզում եք հավատացեք, ուզում եք՝ մի հավատացեք, այն ժամանակ ես այդ մասին չմտածեցի, որովհետև աչքիս առաջ Կիրիլը ուղղակի կենդանացավ, ասես դարձավ մի զրնգուն լար, սանդուղքով իջնելիս միանգամից թռչում էր չորս աստիճան, ու չթողեց, որ ծխեմ։ Մի խոսքով, ես ամեն ինչ պատմեցի նրան․ և թե ինչ տեսակ է այդ «փուչիկը» և որտեղ է գտնվում, և ոնց կկարողանանք մոտենալ նրան։

Նա իսկույն հանեց քարտեզը, գտավ այդ գարաժը, մատը դրեց վրան, նայեց ինձ ու, պարզ բան է, իսկույն հասկացավ իմ ով լինելը, ասենք, էստեղ չհասկանալու բան էլ չկար․․․

― Այ քեզ բա՜ն, ― ասում է նա ու ժպտում։ ― Դեհ ինչ, պետք է գնալ։ Արի հենց վաղը առավոտյան։ Ժամը իննին կպատվիրեմ անցաթղթեր ու «գալոշը», իսկ ժամը տասին մենք մեզ կօրհնենք ու ճանապարհ կընկնենք։ Եղա՞վ։

― Եղավ, ― ասում եմ։ ― Իսկ երրո՞րդն ով կլինի։

― Իսկ մեր ինչի՞ն է պետք երրորդը։

― Էհ, չէ, ― ասում եմ։ ― Սա քեզ համար աղջիկների հետ քեֆի գնալ չէ։ Իսկ եթե քեզ մի բան պատահի՞։ Գոտի է, ― ասում եմ։ ― Ամեն ինչ տեղը տեղին պետք է լինի։

Նա քմծիծաղեց և ուսերը ցնցեց։

― Ոնց ուզում ես։ Դու գիտես։

Եվ այն էլ ո՜նց գիտեմ։ Ւհարկե, նա մեծահոգություն է անում, իմ մասին է մտածում։ Երրորդն ավելորդ է, երկուսով էլ գլուխ կբերենք, ու ամեն ինչ մեր մեջ կմնա, ոչ ոք չի կասկածի։ Բայց դե ես գիտեմ, որ ինստիտուտի աշխատողները երկուսով Գոտի չեն գնում։ Նրանց մոտ կարգն այդպես է․ երկուսը գործ են անում, իսկ երրորդը նայում է, ու երբ հետո նրան հարցնեն՝ կպատմի։

― Անձամբ ես Օստինին կվերցնեի, ― ասում է Կիրիլը։ ― Բայց դու, երևի, նրան չուզես։ Թե՞ դեմ չես։

― Չէ, ― ասում եմ։ ― Միայն թե ո՛չ Օստինին։ Նրան մի ուրիշ անգամ կվերցնես։

Օստինը վատ տղա չէ, նրա խիզախությունն ու վախկոտությունը հավասարաչափ են, բայց նա, իմ կարծիքով, արդեն կորած մարդ է։ Կիրիլին դա չես բացատրի, բայց ես հո տեսնում եմ․ հենց որ մարդը երևակայում է, թե ինքը լավ գիտե Գոտին ու ամեն ինչ հասկանում է, ուրեմն, նրա վերջը եկել է։ Էհ, խնդրեմ։ Միայն թե առանց ինձ։

― Դե լավ, ― ասում է Կիրիլը։ ― Իսկ Տենդե՞րը։

Տենդերը նրա երկրորդ լաբորանտն է։ Ոչինչ, հանգիստ մարդ է։

― Տարիքոտ է , ― ասում եմ։ ― Ու երեխաներ ունի․․․

― Ոչինչ։ Նա արդեն եղել է Գոտում։

― Լավ, ― ասում եմ։ ― Թող Տենդերը լինի։

Մի խոսքով, նա նստած մնաց քարտեզի առաջ, իսկ ես իսկույն ինձ գցեցի «Բորժչ», որովհետև սովից մեռնում էի, ու կոկորդս չորացել էր։

Լավ։ Մյուս օրն առավոտյան գալիս եմ, ինչպես միշտ՝ ժամը իննին, ներկայացնում եմ անցաթուղթս, իսկ պահակատանը հերթապահում է այն լողլող սերժանտը, որի մռութին մի լավ հասցրի անցյալ տարի, երբ լակած կպչում էր Գուտային։

― Բարև, ― ասում է նա ինձ։ ― Քեզ Շեկո, ամբողջ ինստիտուտով մեկ փնտրում են․․․

― Ես քեզ համար Շեկո չեմ, ― ասում եմ, ― չափդ իմացիր, շվեդական քեղի։

― Աստված սիրես, Շեկո, ― զարմացած ասում է նա։ ― Ախր քեզ բոլորը այդպես են ասում։

Գոտուց առաջ ես շատ գրգռված եմ, համ էլ՝ սթափ, դեհ կպա նրան ու տեղը տեղին, ամենայն մանրամասնությամբ ասացի, թե ինքն իրենից ինչ է ներկայացնում և թե ինչու է ծնողը նրան լույս աշխարհ բերել։ Նա թքեց, անցաթուղթս վերադարձրեց ու առանց քնքշությունների ասաց․

― Ռեդրիկ Շուխարա, ձեզ հրամայված է անմիջապես ներկայանալ անվտանգության բաժնի լիազոր կապիտան Խերցոգին։

― Այ հիմա եղավ, ― ասացի ես։ ― Սա արդեն ուրիշ բան է։ Սովորիր սերժանտ, վերջում լեյտենանտ կդառնաս։

Իսկ ինքս ինձ մտածում եմ․ սա ի՞նչ նորություն է։ Ինչո՞ւ եմ պետք եկել կապիտան Խերցոգին աշխատանքի ժամանակ։ Լավ, գնամ ներկայանամ։ Նրա առանձնասենյակը երրորդ հարկում է, լավ սենյակ է, պատուհաններին ճաղեր կան, ոնց որ ոստիկանատանը։ Վիլլին նստել է իր սեղանի մոտ, ֆստացնում է ծխամորճն ու գրամեքենայով ինչ֊որ բան է տպում, իսկ մի սերժանտ գլուխը կոխել է անկյունի երկաթե պահարանի մեջ ու ինչ֊որ բան է փնտրում․ սա ոնց որ նոր մարդ է, ես սրան չեմ ճանաչում։ Մեր ինստիտուտում սերժանտներն ավելի շատ են, քան դիվիզիայում, ու բոլորն էլ հաղթանդամ, կարմրաթուշ, իսկը խնձոր, նրանք Գոտի չեն գնում և թքած ունեն համաշխարհային պրոբլեմների վրա։

― Բարև ձեզ, ― ասում եմ, ― կանչե՞լ եք։

Վիլլին ոչնչացնող հայացքով նայում է ինձ, մի կողմ է հրում գրամեքենան, մի հաստ թղթապանակ է դնում առաջն ու սկսում թերթել․

― Ռեդրիկ Շուխա՞րտ, ― ասում է։

― Նա ինքը, ― պատասխանում եմ ու ծիծաղս հազիվ եմ զսպում։ Մի տեսակ նյարդային ծիծաղ է բռնել ինձ։

― Որքա՞ն ժամանակ եք աշխատում ինստիտուտում։

― Երկու տարի։ Երրորդ տարին է։

― Ընտանիքի կա՞զմը։

― Մենակ եմ, ― ասում եմ, ― որբ եմ։

Այդ ժամանակ նա շրջվում է իր սերժանտիկի կողմը ու խիստ հրամայում է․

― Սերժանտ Լումեր, գնացեք արխիվ ու բերեք համար հարյուր հիսուն գործը։

Սերժանտիկը պատիվ է տալիս ու չքվում, իսկ Վիլլին փակում է թղթապանակն ու մռայլված հարց տալիս․

― Էլի հնից ձե՞ռ չես քաշում։

― Ի՞նչ հին։

― Լավ գիտես, ինչ հին։ Էլի քեզ վրա նյութ է ստացվել։

Այսպես, մտածում եմ։ ― Իսկ որտեղի՞ց։

Նա խոժոռվում է ու ջղայնացած ծխամորճով թխկթխկացնում է մոխրամանին։

― Դա քեզ չի վերաբերում, ― ասում է։ ― Ես քեզ, որպես հին ընկեր, նախազգուշացնում եմ․ ձեռ քաշիր դրանից, ընդմիշտ ձեռ քաշիր։ Իմացիր, որ երկրորդ անգամ բռնվես՝ վեց ամսով չես պրծնի։ Ու ինստիտուտից էլ անմիջապես կվռնդեն, ընդմիշտմ հասկանո՞ւմ ես։

― Հասկանում եմ, ― ասում եմ։ ― Դա հասկանում եմ։ Միայն չեմ հասկանում, թե որ սրիկան է մատնել ինձ․․․

Բայց նա նորից նայում է ինձ անագե աչքերով, ֆսֆսացնում է դատարկ ծխամորճն ու հենց այնպես թերթում թղթապանակը։ Դա նշանակում է՝ սերժանտ Լումերը վերադարձել է ու բերել համար հարյուր հինգ գործը։

― Շնորհակալություն, Շուխարտ, ― ասում է կապիտան Վիլլի Խերցոգը, որի մականունն է «Կռտած խոզ»։ ― Ես պարզեցի իմ ուզածը։ Դուք ազատ եք։

Դեհ, գնացի հանդերձարան, վրաս քաշեցի արտահագուստը, ծխեցի ու անընդհատ մտքիցս դուրս չի գալիս՝ որտեղի՞ց է դա հասել նրանց ականջին։ Թե ինստիտուտից, ապա այդ ամենը սուտ է, իմ մասին այստեղ ոչ ոք բան չգիտի ու չի էլ կարող իմանալ։ Իսկ եթե ոստիկանությունից են թուղթ ուղարկել․․․ Բայց թե նրանք ի՞նչ կարող են իմանալ, բացի հին գործերից։ Միգուցե Գիշակերը բռնվե՞լ է։ Այդ սրիկան կաշին պրծացնելու համար ում ասես կծախի։ Բայց թե Գիշակերն էլ հիմա իմ մասին ոչ մի բան չգիտի։ Մտածում էի, մտածում, բայց խելքը գլխին ոչ մի բան չկարողացա մտածել, ու որոշեցի՝ թքած։ Վերջին անգամ գիշերով Գոտի եմ գնացել երեք ամիս առաջ, ավարն արդեն համարյա լրիվ ծախել եմ ու փողերն էլ ծախսել։ Նրանք ինձ տեղում չեն բռնել, իսկ հիմա հենց այնպես չեն բռնի, պլստան եմ, դուրս կպրծնեմ։

Բայց երբ արդեն բարձրանում էի աստիճաններով, հանկարծ գլխի ընկա, ա՜յն էլ ոնց գլխի ընկա։ Ու նորից հետ եկա հանդերձարան, նստեցի ու ծխեցի։ Ստացվում է, որ ինձ այսօր չի կարելի Գոտի գնալ։ Վաղն էլ չի կարելի, մյուս օրն էլ։ Դուրս է գալիս, որ այդ սողունները նորից ինձ աչքի տակ են առել, չեն մոռացել, իսկ եթե մոռացել էին, ապա ինչ֊որ մեկը հիշեցրել է նրանց։ Եվ հիմա արդեն կարևոր չէ, թե ով է դա արել։ Ոչ մի ստալկեր, եթե նա չի ցնդել, Գոտու կողքով էլ չի անցնի, երբ գիտի, որ իրեն հետևում են։ Ես հիմա մութ տեղ պիտի գտնեմ ու խցկվեմ այնտեղ։ Ինչ մնաց, թե Գոտի գնամ։ Արդեն քանի ամիս է անցաթղթով էլ չեմ գնում այնտեղ։ Էլ ի՞նչ եք կպել ազնիվ լաբորանտից։

Ես մի լավ մտածեցի, ծանրութեթև արեցի ու նույնիսկ մի քիչ թեթևացա, որ այսօր Գոտի չպիտի գնամ։ Բայց հիմա այդ մասին ինչպե՞ս ավելի մեղմ ասեմ Կիրիլին։

Եվ ուղղակի ասացի նրան․

― Գոտի չեմ գնա։ Ի՞նչ հանձնարարություններ կլինեն։

Սկզբում նա, իհարկե, աչքերը չռեց վրաս։ Հետո, երևի, ինչ֊որ բան գլխի ընկավ․ բռնեց արմունկս, տարավ իր փոքրիկ աշխատասենյակը, նստեցրեց իր սեղանի մոտ, իսկ ինքը նստեց պատուհանի գոգին, կողքիս։ Ծխեցինք։ Լուռ։ Հետո նա զգուշորեն հարցրեց ինձ․

― Բա՞ն է պատահել, Ռեդ։

Դեհ, ի՞նչ ասեմ նրան։

― Չէ, ― ասում եմ, ― ոչ մի բան էլ չի պատահել։ Երեկ պոկեր խաղալիս քսան ռուբլի տարվեցի, հո չի՜ խաղում այդ Նունանը, ոնց որ կախարդ․․․

― Սպասր, ― ասում է նա։ ― Հո միտքդ չե՞ս փոխել։

Այստեղ ես նույնիսկ տնքացի լարվելուց։

― Ինձ չի կարելի, ― ասում եմ նրան ատամների արանքից։ ― Չի կարելի, հասկանո՞մ ես։ Նոր Խերցոգն ինձ կանչել էր։

Նա թուլացավ։ Նորից թշավառ տեսք ստացավ, ու աչքերն էլ դարձան հիվանդ շան աչքեր։ Ջղաձգորեն շունչ քաշեց, նոր սիգարետ վառեց ու կամացուկ ասաց․

― Ինձ պիտի հավատաս, Ռեդ, ես ոչ մեկին բան չեմ ասել։

― Վերջ տուր, ― ասում եմ։ ― Խոսքը քո մասին չէ։

― Ես նույնիսկ Տենդերին էլ բան չեմ ասել։ Նրա համար անցաթուղթ եմ գրել, իսկ իրեն չեմ էլ հարցրել, կգա՞ թե չի գա․․․

Ես լուռ ծխում եմ։ Ծիծաղս գալիս է, այս մարդը ոչ մի բան չի հասկանում։

― Խերցոգը քեզ ի՞նչ ասաց։

― Առանձնապես ոչ մի բան, ― ասում եմ։ ― Ինչ֊որ մեկը մատնել է․․․

Նա մի տեսակ տարօրինակ նայեց վրաս, վեր թռավ պատուհանի գոգից ու սկսեց հետուառաջ քայլել իր փոքրիկ աշխատասենյակում։ Նա վազվզում էր աշխատասենյակում, իսկ ես նստել եմ, ֆստացնում եմ ու չեմ խոսում։ Խղճում եմ նրան, ու շատ ափսոս է, որ այսպես հիմար բան ստացվեց, մարդուն բուժեցի մելամղձությունից, ո՜նց չէ։ Իսկ ո՞վ է մեղավոր։ Ես ինքս եմ մեղավոր։ Երեխային կոնֆետ ցույց տվի, իսկ այդ կոնֆետը չար քեռիները ձեռքիցս խլեցին․․․ Հանկարծ նա դադարեց սենյակում վազվզել, կանգնեց կողքս ու, մի կողմ նայելով վեհերոտ հարցրեց․

― Լսիր, Ռեդ, իսկ դա ինքչա՞ն կարժենա լիքը «փուչիկը»։

Ես սկզբում չհասկացա նրան, մտածեցի, թե կարծում է, որ դա կկարողանա գնել ինչ֊որ տեղից, բայց դե որտեղի՞ց կգնի, միգուցե դա միակն է աշխարհում, և հետո՝ այդքան փող էլ չի ունենա, որտեղի՞ց այդքան փող օտարերկրացի, այն էլ ռուս մասնագետին։ Իսկ հետո ասես ինձ մտրակեցին, այս քոսոտը երևի մտածում է, որ ես փողի համար եմ․․․ Ախ դու, լեշակեր, ո՞ւմ, տեղն ես ինձ դրել․․․ Արդեն բերանս բացել էի, որ այս բոլորը ասեմ։ Ու սսկվեցի։ Որովհետև, իսկապես, ո՞ւմ տեղը նա ինձ պիտի դներ։ Ստալկերը ստալկեր է, նրա ուզածը հենց միայն փողն է, շատ փողի համար կյանքն էլ կծախի։ Դեհ, այնպես ստացվեց, որ երեկ ես խայծը գցեցի, իսկ հիմա գինս եմ թանկացնում։

Նույնիսկ լեզուս կապ ընկավ այս մտքից, իսկ նա սևեռուն նայում է ինձ, հայացքը չի հեռացնում, ու նրա աչքերում տեսնում եմ նույնիսկ ոչ թե արհամարհանք, այլ թվաց, որ նա հասկանում է ինձ։ Ու արդեն հանգիստ բացատրում եմ նրան։

― Դեռ ոչ ոք, ― ասում եմ, ― անցաթղթով չի գնացել գարաժ։ Այնտեղ դեռ ճանապարհ չի գցված, դու դա գիտես։ Հիմա մենք վերադառնում ենք, ու քո Տենդերն սկսում է պարծենալ, թե ինչպես մենք գնացինք ուղիղ գարաժ, վերցրինք ուզածներս ու իսկույն հետ դարձանք։ Ասես մի պահեստ էինք գնացել։ Իսկ դա նշանակում է, որ ինչ֊որ մեկը մեզ գլխի է գցել։ Բայց թե մեր երեքից ո՞ր մեկն է գլխի գցել, իսկի բացատրելու կարիք էլ չկա։ Հասկանո՞ւմ ես, թե ինձ համար դա ինչ է նշանակում։

Ես ճառս վերջացրի։ Մենք նայում էինք իրար աչքերի մեջ ու լռում։ Հետո նա ձեռքերը իրար խփեց, ափերը շփեց ու առույգացած հայտարարեց․

― Դեհ ինչ, չենք գնում՝ ուրեմն չենք գնում։ Ես քեզ հասկանում եմ, Ռեդ, ու չեմ էլ մեղադրում։ Ինքս կգնամ։ Մեկ էլ տեսար գլուխ բերի։ Առաջին անգամը չէ․․․

Նա քարտեզը փռեց պատուհանի գոգին, արմունկներով հենվեց, կռացավ քարտեզի վրա, ու նրա ողջ առույգությունը մի վայրկյանում ցնդեց։ Լսում եմ, փնթփնթում է․

Հարյուր քսան մետր․․․ նույնիսկ հարյուր քսաներկու․․․ ու ինչքան էլ հենց գարաժի մեջ։ Չէ, Տենդերին չեմ տանի հետս։ Ինչ ես կարծում, Ռեդ, գուցե չարժե՞ Տենդերին տանել։ Ախր երկու երեխա ունի․․․

― Մենակ քեզ չեն թողնի, ― ասում եմ։

― Ոչինչ, կթողնեն․․․ ― փնթփնթում է նա։ ― Բոլոր սերժանտները և լեյտենանտները իմ ծանոթներն են․․․ Դուր չեն գալիս ինձ այդ բեռնատարները։ Տասներեք տարի բաց երկնքի տակ կանգնած են, բայց ոնց որ նոր լինեն․․․ Դրանցից քսան քայլի վրա բենզինատար մեքենան է կանգնած, ամբողջովին ժանգոտվել է, իսկ դրանք կարծես հենց նոր են իջել կոնվեյերից․․․ Ախ, այդ Գոտին․․․

Նա գլուխը բարձրացրեց քարտեզից ու պատուհանից դուրս նայեց։ Ես էլ հայացքս գամեցի պատուհանին։ Մեր պատուհանների ապակիները հաստ են, արճճից, իսկ ապակիների հետևում մայր Գոտին է, ահա նա, ձեռքդ մեկնես՝ կհասնի, ոնց որ ափիդ մեջ լինի տասներեքերորդ հարկից։

Այսպես որ նայում ես՝ սովորական հող է։ Արևը լուսավորում է, ոնց որ ամբողջ երկիրն է լուսավորում, ու կարծես այստեղ ոչ մի բան չի փոխվել, կարծես ամեն ինչ մնացել է նույնը, ինչպես որ կար տասներեք տարի առաջ։ Հանգուցյալ հայրիկը կնայեր՝ այս ինչո՞ւ գործարանից ծուխ դուրս չի գալիս, հո գործադուլ չե՞ն անում․․․ Դեղին ապարի բլուրներ, ռելսեր, ռելսեր, ռելսեր, ռելսերի վրա շոգեքարշ․․․ Մի խոսքով, ինդուստրիալ տեսարան․․․ Միայն մարդիկ չկան։ Ոչ ողջ, ոչ մեռած։ Ահա երևում է նաև գարաժը, գորշ, երկար, ոնց որ աղիք, դռները կրնկի վրա բաց են, իսկ ասֆալտե հրապարակում բեռնատարներն են կանգնած։ Արդեն տասներեք տարի կանգնած են, ու դրանց ոչ մի բան չի լինում։ Նա ճիշտ ասաց այս մեքենաների մասին՝ խելքը հասնում է։ Աստված մի արասցե, որ հանկարծ խցկվես երկու մեքենաների արանքը, ամեն կերպ պետք է դրանց շրջանցել․․․ Ասֆալտի մեջ այնտեղ ճեղք կա․․․ Մի տես է, ճանապարհը մինչև հողաշերտը ձողանշված է, այն էլ ի՜նչ հմտորեն է ձողանշված․․․ Ահա այն առուն, որտեղ Լորձը թրմփած, իրենց ճանապարհից մի երկու մետրի վրա․․․ Իսկ չէ որ Հաստակաշին ասում էր Լորձին, որ հեռու մնա առուներից, թե չէ թաղելու համար էլ քեզնից բան չի մնա․․․ Գոտին ախր հենց դա է․ ավարով որ հետ եկար՝ դա հրաշք է, կենդանի ետ եկար՝ լավ է, իսկ մնացած բոլորը ճակատագիր․․․

Այստեղ ես նայեցի Կիրիլին ու տեսա, որ նա աչքի պոչով ինձ է տնտղում։ Ու մի այնպիսի՜ դեմք ուներ, որ այդ պահին ես նորից միտքս փոխեցի։ Դեհ, գրողը տանի դրանց, մտածեցի, վերջ ի վերջո այդ դոդոշները ի՞նչ պիտի անեն ինձ։ Կիրիլը կարող էր ընդհանրապես ոչ մի բան չասել, բայց նա ասաց․

― Լաբորանտ Շուխարտ, ― ասաց նա։ ― Պաշտոնական, ընդգծում եմ, պաշտոնական աղբյուրներից ես տեղեկություններ եմ ստացել, որ գարաժի զննումը մեծ օգուտ կարող է տակ գիտությանը։ Առաջարկություն է եղել՝ զննել գարաժը։ Պարգևավաճարը երաշխավորում եմ։ ― Իսկ ինքը ժպտում է, ոնց որ մայիսյան վարդ։

― Իսկ այդ ի՞նչ պաշտոնական աղբյուրներ են, ― հարցնում եմ ու նույնպես ժպտում հիմարի պես։

― Դրանք գաղտնի աղբյուրներ են, ― պատասխանում է նա։ ― Բայց ձեզ կարող եմ ասել․․․ Նա արդեն չէր ժպտում և մռայլվել էր։ ― Ասենք, դոկտոր Դուգլասը։

― Հա՜, ― ասում եմ, ― դոկտոր Դուգլասը։ Այդ ո՞ր Դուգլասն է։

― Սեմ Դուգլասը, ― չոր ասաց Կիրիլը։ ― Նա զոհվեց անցյալ տարի։

Մարմնովս սարսուռ անցավ։ Քո հերն եմ անիծել․․․ Ո՞վ է էսպիսի բաների մասին խոսում ճամփա գնալուց առաջ։ Այս ակնոցավորների գլխին որ դագանակ ջարդես, էլի ոչինչ չեն հասկանա․․․ Ծխախոտի մնացորդը գցեցի մոխրամանի մեջ ու ասացի․

― Լավ։ Ո՞ւր է քո Տենդերը։ Շա՞տ պիտի սպասենք նրան։

Մի խոսքով, մենք այդ մասին էլ չխոսեցինք։ Կիրիլը զանգահարեց ՊՊՍ, «թռչող գալոշ» պատվիրեց, իսկ ես վերցրի քարտեզն ու նայեցի, թե դրա վրա ինչ է նկարված։ Ոչինչ, վատ չի նկարված։ Լուսանկարչական եղանակով՝ վերևից ու խոշորացված։ Նույնիսկ գարաժի մոտ ընկած ավտոդողի վրայի կտրվածքներն են երևում։ Այ որ մեր եղբայր ստալկերն ունենար այսպիսի քարտեզ․․․ Չնայած դրանից ինչ օգուտ պիտի լինի գիշերը, երբ հետևդ տնկում ես աստղերին ու սեփական ձեռքերդ չես տեսնում․․․

Այ, Տենդերն էլ եկավ։ Կարմրատակած, հևալով։ Աղջիկը հիվանդացել է, վազել էր բժշկի հետևից։ Ներողություն է խնդրում ուշանալու համար։ Դե մենք էլ նրան աչքալույս տվինք՝ Գոտի ենք գնում։ Սկզբում նա նույնիսկ մոռացավ հևալ, խեղճը։ «Ո՞նց թե գոտի, ― ասում է։ ― Ես ինչո՞ւ․․․»։ Սակայն լսելով կրկնակի պարգևավճարի և այն մասին, որ Ռեդ Շուխարտն էլ է գալիս, նա մի քիչ հանգստացավ ու էլի սկսեց հևալ։

Մի խոսքով մենք իջանք «բուդուար»։ Կիրիլը գնաց անցաթղթերը բերեց, մենք դրանք ներկայացրեցինք ևս մի սերժանտի, ու այդ սերժանտը մեզ արտահագուստներ տվեց։ Եթե այս կարմիր արտահագուստը ներկեին մի հարմար գույնով, ապա ուզածդ ստալկերը այդպիսի արտահագուստի համար ինչ գին ուզեիր՝ կտար, աչքն էլ չէր թարթի։ Ես արդեն վաղուց եմ մտքիս դրել, որ պիտի անպայման մի հատ թռցնեմ։ Առաջին հայացքից որ նայում ես, ոչ մի արտակարգ բան չկա, ոնց որ ջրասուզակի հանդերձանք լինի, չէ, ավելի շուտ՝ հրթիռաթիռի ոդաչուի կամ, ասենք, տիեզարագնացի սաղավարտի է նման։ Թեթև, հարմար, ոչ մի տեղ չի սեղմում, և ոչ էլ շոգից քրտնում ես նրա մեջ։ Այսպիսի հագուստով կրակի մեջ էլ կմտնես, ու գազն էլ ներս չի թափանցի։ Ասում են, որ գնդակն էլ դրան չի վնասում։ Իհարկե, և՝ կրակը, և իպրիտը (գազը), և՛ գնդակը, այս բոլորը երկրային, մարդկային բաներ են։ Դրանցից ոչ մեկը չկա Գոտում, այնտեղ դրանցից չպիտի վախենաս։ Մի խոսքով, ինչ ասեմ, այնտեղ այս արտահագուստով էլ են ուզածիդ պես մեռնում։ Ուրիշ բան է, որ առանց դրա մենք, երևի, ավելի շատ կկոտորվեինք։ Օրինակ, այս հագուստը հարյուր տոկոսով փրկում է «այրող աղվամազից»։ Կամ էլ «սատանի կաղամբի» թքից․․․ Լավ։

Մենք հագանք արտահագուստներս, ես պնդօղակները պայուսակից հանեցի ու լցրեցի գրպանս, ու ինստիտուտի բակով գնացինք դեպի Գոտու կողմը։ Սրանց մոտ այսպես է ընդունված, որ բոլորը տեսնեն՝ ահա գնում են գիտական խիզախները, գնում են իրենց կյանքը զոհելու հանուն մարդկության, գիտության և սուրբ հոգու։ Ամե՛ն։ Եվ իսկապես, բոլոր պատուհաններից, մինչև տասնհինգերորդ հարկ, կարեկցանքով մեզ էին նայում, մնում էր միայն թաշկինակները թափահարեին, ու նվագախումբը նվագեր։

― Քայլերդ արագացրու, ― ասում եմ Տենդերին։ ― Փորդ ներս քաշիր, խղճուկ անձնակազմ։ Երախտապարտ մարդկությունը քեզ չի մոռանա։

Նայեց նա ինձ, ու ես տեսա, որ հիմա նա բնավ կատակի սիրտ չունի։ Եվ իսկապես, ի՞նչ կատակի ժամանակ է․․․ Դե որ Գոտի ես գնում, կամ պիտի լաց լինես, կամ ծիծաղես, բայց ես ոչ մի անգամ լաց չեմ եղել։ Նայեցի Կիրիլի կողմը։ Ոչինչ, լավ է պահում իրեն, միայն շուրթերն է շարժում, կարծես աղոթում է։

― Աղոթո՞ւմ ես, ― հարցնում եմ։ Աղոթիր, ― ասում եմ, ― աղոթիր։ Ինչքան Գոտու խորքը գնաս, այնքան աստծուն կմոռանաս․․․

― Ինչո՞ւ, ― հարցնում է նա։

― Աղոթի՜ր, ― գոռում եմ։ ― Ստալկերներին չեն թողնում անհերթ մտնել դրախտ։

Իսկ նա հանկարծ ժպտաց ու ձեռքով թփթփացրեց մեջքիս, իբր՝ մի՛ վախեցիր, իբր՝ դու ինձ հետ չես կորչի, իսկ եթե կորչես էլ, էհ, մի՛ անգամ ենք մեռնում։ Չէ, ծիծաղելի տղա է, ազնիվ խոսք։

Մենք անցաթղթերը հանձնեցինք վերջին սերժանտին, այս անգամ, բացառության կարգով, պարզվեց, որ նա լեյտենանտ է (ես նրան ճանաչում եմ, նրա հայրը Ռեքսոպոլում զբաղվում է գերեզմանաճաղերի վաճառքով), ու իսկույն էլ հայտնվեց «թռչող գալոշը»․ այն բերեցին ՊՊՍ֊ի տղերքը ու կանգնեցրին հենց պահակատան մոտ։ Բոլորն արդեն այստեղ են՝ և՛ «շտապ օգնությունը», և հրշեջները, և՛ մեր փառապանծ գոարդիան՝ անվախ փրկիչները, հղփացած ձրիակերները իրենց ուղղաթիռով։ Ոնց որ աչքիս փուշը լինեն։

Մենք բարձրացանք «գալոշի» վրա, Կիրիլը կանգնեց ղեկի մոտ ու ասաց ինձ․

― Ռեդ, հրամայի՛ր։

Ես առանց շտապելու իջեցրի բաճկոնիս «կայծակ» շղթան, ծոցիցս հանեցի տափաշիշը, մի լավ խմեցի, հետո բերանը փակեցի ու նորից դրեցի ծոցս։ Առանց դրա չեմ կարող։ Որերորդ անգամն է Գոտի եմ գնում, բայց առանց սրա չեմ կարող, չէ։ Նրանք երկուսն էլ նայում են ինձ ու սպասում։

― Այսպես, ― ասում եմ։ ― Ձեզ չեմ առաջարկում, որովհետև ձեզ հետ առաջին անգամ եմ գնում ու չգիտեմ, թե ալկոհոլը ոնց է ազդում ձեզ վրա։ Մեզ մոտ այսպիսի կարգուկանոն պետք է լինի․ ինչ որ ասեմ՝ իսկույն և անհապաղ պետք է կատարեք։ Եթե մեկն ու մեկդ դանդաղեք կամ սկսեք հարցեր տալ՝ ծեծ կուտեք, նախապես ներողություն եմ խնդրում։ Այ, օրինալկ քեզ, պարոն Տենդեր, կհրամայեմ՝ գլխիվայր կանգնիր ու գնա առաջ։ Եվ դու իսկույն, պարոն Տենդեր, պիտի հաստ քամակդ տնկես ու կատարես հրամանը։ Իսկ եթե չկատարես, գուցե էլ չտեսնես հիվանդ աղջկադ։ Հասկացա՞ր։ Բայց թե ես կհոգամ, որ դու անպայման տեսնես նրան։

― Ռեդ, գլխավորը, որ դու չմոռանաս հրամայել, ― ֆսսացնում է Տենդերը, արդեն կաս֊կարմիր կտրած, քրտնած ու հազվադեպ շարժելով շրթունքները։ ― Ես ատամներիս վրա էլ կքայլեմ, ինչ մնաց թե գլխիս վրա։ Առաջին անգամ չեմ․․․

― Դուք երկուսդ էլ ինձ համար առաջին անգամ եք, ― ասում եմ, ― իսկ հրամայել ես չեմ մոռանա, կարող ես հանգիստ լինել։ Հա, դու կարո՞ղ ես «գալոշը» վարել։

― Կարող է, ― ասում է Կիրիլը։ ― Լավ էլ քշում է։

― Ավելի լավ, ― ասում եմ։ ― Դեհ, աստված մեզ հետ։ Իջեցրեք երեսկալները։ Հառաջ ձողանշանների վերևով, բարձրությունը՝ երեք մետր։ Կանգառը՝ քսանյոթերորդ ձողանշանի մոտ։

Կիրիլը «գալոշը» բարձրացրեց երեք մետր ու դանդաղ առաջ շարժվեց, իսկ ես թաքուն գլուխս շրջեցի ու կամացուկ թքեցի ձախ ուսիս վրայով։ Տեսնեմ՝ փրկարար գվարդիականները մտել են իրենց ուղղաթիռը․ հրշեջները հարգալից ոտքի են կանգնել, պահակատան շեմին կանգնած լեյտենանտը պատվի է առել, ախմախը, իսկ նրանց բոլորի վերևում ծածանվում է արդեն գունաթափված պլակատը՝ « Բարի գալուստ, պարոնայք եկվորներ»։ Տենդերն արդեն ուզում էր ձեռքով հրաժեշտ տալ նրանց, բայց ես այնպես խփեցի նրա կողքին, որ այդ բոլոր տիսակատարությունները դուրս թռան գլխից։ Ես քեզ մնաք բարով ցույց կտամ, դու դեռ հալա մնաս բարով կանես․․․

Թռանք։

Մեր աջ կողմում ինստիտուտն էր, ձախում՝ Ժանտախտի թաղամասը, իսկ մենք փողոցի մեջտեղով առաջ էինք գնում մի ձողանշանից դեպի մյուսը։ Պա՜հ, ոնց որ վաղուց այս փողոցով ոչ ոք չի անցել։ Ասֆալտը լրիվ ճաքճքել է, ճեղքերում խոտ է բուսնել, բայց սա մեր խոտն է, մարդկայինը։ Իսկ այ, ձախ կողմի մայթի վրա աճել է արդեն սև փուշը, և այս փշից երևում է, թե որքան հստակորեն է ինքն իրեն սահմանանշում Գոտին․ խճուղու մոտի սև մացառները ասես գերանդիով հնձված լինեն։ Չէ, այս եկվորները, այնուամենայնիվ, կարգին տղերք են եղել։ Ճիշտ է, շատ են համը հանել, բայց դե իրենք էլ իրենց հսատակ սահման են դրել․․․ Չէ որ նույնիսկ «այրող աղվամազը» երբեք Գոտուց չի գալիս մեր կողմը, ոչ մի անգամ, ինչքան էլ որ ուժեղ քամի լինի․․․

Ժանտախտի թաղամասում կանգնած են մեռյալ, ճաքճքած տները, սակայն բոլոր պատուհանների ապակիները գրեթե լրիվ տեղն են, միայն թե շատ կեղտոտ են, ու այդ պատճառով էլ ոնց որ կույր լինեն։ Իսկ այ գիշերը, երբ սողում ես այդ տների մոտով, շատ լավ երևում է, ներսի լույսը, ասես այնտեղ սպիրտ է այրվում կապտավուն բոցի լեզվակներով։ Դա «վհուկի դոնդողն» է նկուղներից դուրս գալիս։ Իսկ ընդհանրապես որ նայում ես՝ սովորական թաղամաս է, տները ոնց որ սովորական տներ են, պարզապես վերանորոգման կարիք ունեն, ուրիշ ոչ մի արտառոց բան չկա, միայն թե մարդիկ չեն երևում։ Այ, ի միջի այլոց, այս աղյուսե տանը ապրում էր մեր մաթեմատիկայի ուսուցիչը, նրա անունը Ստորակետ էինք դրել։ Անհաջողակի մեկն էր ու ձանձրալի մարդ, նրա երկրորդ կինը բաժանվեց հենց Այցելությունից առաջ, իսկ աղջկա աչքի մեջ էլ հատ կար, ու մենք, հիշում եմ, այնքան էինք դրա համար ձեռ առնում, որ խեղճը լաց էր լինում։ Երբ խուճապն ընկավ, նա բոլորի հետ միասին, հագին միայն սպիտակեղեն, այս թաղամասից փախավ մինչև կամուրջ՝ վեց կիլոմետր առանց շունչ քաշելու։ Հետո երկար ժամանակ ժանտախտով պառկած էր, մաշկը լրիվ պլոլվեց, եղունգները թափվեցին։ Բոլորը, ովքեր ապրում էին այս թաղամասում, գրեթե բոլորը հիվանդացան ժանտախտով, հենց դրա համար էլ այս թաղամասի անունը դրին Ժանտախտի թաղամաս։ Ոմնաք մահացան, հիմնականում ծերերը, և այն էլ ոչ բոլորը։ Ես, օրինակ, կարծում եմ, որ նրանք ոչ թե ժանտախտից մահացան, այլ վախից։ Սարսափն ահավոր էր։ Ովքեր ապրում էին այս թաղամասում, բոլորն էլ հիվանդացան ժանտախտով։ Իսկ այն երեք թաղամասերում ապրողները կուրացան։ Հիմա այդ թաղամասերը այդպես էլ կոչվում են՝ Առաջին Կույր, Երկրորդ Կույր․․․ Մարդիկ ոչ թե լրիվ են կուրանում, այլ ոնց որ հավկուրություն էր լինում։ Ւ միջի այլոց պատմում են, որ նրանք կուրացել են ոչ թե ինչ֊որ բռնկումից, թեև ասում են, որ բռնկումներ էլ են եղել, այլ կուրացել են սոսկալի դղրդյունից։ Ասում են, որ դա մի այնպիսի դղրդյուն է եղել, որ մարդիկ իսկույն կուրացել են։ Բժիշկները նրանց ասում էին, թե դա չի կարող պատահել, թող հապա մի լավ հիշեն։ Չէ, այդ մարդիկ նորից իրենց ասածն էին պնդում՝ ահավոր դղրդյուն, որից նրանք կուրացել էին։ Ընդ որում, նրանցից բացի ոչ ոք չէր լսել այդ դղրդյունը․․․

Այո, ասես ոչ մի բան տեղի չի ունեցել այստեղ։ Ահա այս ապակե կրպակին ոչ մի բան չի եղել։ Դռների առաջ մնացել է մանկասայլակը, նույնիսկ նրա միջի սպիտակեղենը ոնց որ մաքուր լինի․․․ Իսկ այս անտենաները ծածկվել են ինչ֊որ մազմզուկներով, ոնց որ ճիլոպ լինեն։ Մեր գիտնականները վաղուց են աչքները գցել այդ անտենաների վրա, բա ոնց չէ, ուզում են գլուխ հանեն, թե դրանք ինչ ճիլոպ են, ախր ուրիշ ոչ մի տեղ այդպիսի բան չկա, միայն Ժանտախտի թաղամասում, այն էլ միայն անտենաների վրա։ Ու ամենագլխավորն այն է, որ դա հենց այստեղ է, ինստիտուտի կողքը, հենց պատուհանների տակ։ Անցյալ տարի խելքներին փչեց ուղղաթիռից պողպատե ճապանով խարիսխ իջեցնել ու մի անտենա ճանկել։ Հենց որ խարիսխը ուզեց քաշի անտենան, հանկարծ՝ ֆըշֆըշֆըշ․․․ Տեսնենք ինչ՝ անտենայից ծուխ է դուրս գալիս, խարիսխը ծխի մեջ է, ու պողպատե ճոպանն էլ արդեն ծուխ է արձակում, ու ոչ թե սովորական ծուխ, այլ մի տեսակ թունավոր ֆշշոցով, ոնց որ բոժոժավոր օձ․․․ Դեհ, օդաչուն իսկույն գլխի ընկավ (շատ էլ որ լեյտենանտ էր), ինչն ինչոց է, ճոպանը ցած գցեց, ու ինքը հո չծլկեց․․․ Այ, հրեն ճապանը, մինչև հիմա կախված է մնացել անտենայից ու ինքն էլ է լրիվ ծածկվել ճիլոպով։

Այսպես կամաց ու հանգիստ հասանք փողոցի անկյունը։ Կիրիլը նայեց ինձ՝ թեքվի՞։ Ես գլխով արեցի՝ շատ դանդաղ։ Եվ մեր «գալոշը» թեքվեց ու շատ դանդաղ սահեց մարդկային հողի վերջին մետրերի վրայով։ Մայթը մոտենում է, ավելի է մոտենում, ահա «գալոշի» ստվերն արդեն ընկնում է տատասկների վրա․․․ Վե՛րջ, Գոտին սկսվեց։ Ու միանգամից մարմինս պատվեց սարսուռով․․․ Ամեն անգամ այդպես սարսռում եմ ու մինչև հիմա չգիտեմ՝ Գոտի՞ն է ինձ այդպես դիմավորում, թե ստալկերի նյարդերն են շարքից դուրս եկել։ Ամեն անգամ որոշում եմ, որ վերադառնալուց հետո մերոնց հարցնեմ, թե իրենց հետ է՞լ է նույն բանը լինում, ու ամեն անգամ մոռանում եմ հարցնել։

Դե լավ, դանդաղ սողում ենք նախկին բանջարանոցների վրայով, ոտքերիս տակ հանգիստ, համաչափ աղմկում է շարժիչը․ նրան ինչ, նրան հո ձեռք չեն տա։ Ու այստեղ իմ Տենդերն այլևս չդիմացավ։ Դեռ չենք հասել առաջին ձողանշանին, իսկ նա սկսեց խոսել։ Դեհ, ոնց որ սովորաբար սկսնակը խոսում է Գոտում՝ ատամները չխկչխկում են, սիրտը թուլանում է, գլուխը կորցնում է ու դրա համար ամաչում է, բայց դե չի կարողանում ինքն իրեն տիրապետել։ Ըստ իս, դա նրանց մոտ հարբուխի պես բան է, ոնց որ հարբուխի ժամանակ քեզնից անկախ քթիցդ թափվում է ու թափվում։ Ու ինչ ասես, որ չեն ասում։ Մեկ բնանկարով են հիանում, մեկ սկսում են դատողություններ անել եկվորների մասին, մեկ էլ տեսար խոսեցին ընդհանրապես գործին չվերաբերող բաներից, ոնց որ հիմա Տենդերն է բլբլում իր նոր կոստյումի մասին ու դադար չի առնում։ Քանիսով է առել, ինչ նուրբ բուրդ է, ու ոնց հետո դերձակը կոճակները փոխեց․․․

― Սսկվի, ― ասում եմ։

Նա տխուր նայում է ինձ, շրթունքները շարժում ու էլի սկսում, թե աստառի համար ինչքան մետաքս է առել։ Իսկ բանջարանոցներն արդեն վերջանում են, մեր ներքևում արդեն կավահող է, ամայություն, որտեղ ժամանակին եղել է քաղաքի աղբանոցը, ու ես զգում եմ, որ քամի է փչում։ Քիչ առաջ ոչ մի քամի էլ չկար, իսկ հիմա հանկարծ փչեց, փոշու քուլաները թռան, ու ես կարծես ինչ֊որ բան լսեցի։

― Սսկվի՛, ապուշ, ― ասում են Տենդերին։

Չէ, ոչ մի կերպ չի կարողանում լռել։ Հիմա էլ սկսեց ձիու մազից խոսել։ Դե, կներես․․․

― Կանգնի՛ր, ― ասում եմ Կիրիլին։

Նա անմիջապես արգելակում է։ Լավ ռեակցիա ունի։ Բռնում եմ Տենդերի ուսից, դեմքը շրջում եմ իմ կողմն ու ձեռքիս ափով շրխկացնում երեսկալին։ Խեղճը քթով զարկում է ապակուն, աչքերը փակում է ու լռում։ Հենց որ նա լռեց, ես լսեցի՝ շը՜շ․․․ շը՜շ․․․ Կիրիլն ինձ է նայում ատամները պինդ սեղմած, բերանը բաց։ Ես ձեռքով հասկացնում եմ նրան՝ կանգնիր, աստծու սիրուն մի շարժվիր։ Բայց չէ որ նա էլ է այդ դռդռոցը լսում ու, ինչպես բոլոր սկսնակները, նա էլ է ուզում իսկույն ինչ֊որ բան անել․․․ «Հետո գնանք», ― շշնջում է նա։ Ես ճարահատյալ գլուխս թափահարում եմ, բռունցքս դեմ անում սաղավարտին, որ, իբր, հերիք է, վերջ տուր։ Է՜հ, գրողը տանի, էս սկսնակի հետ չգիտես ինչ անես, ո՞ր կողմը նայես՝ դաշտի՞ն, թե նրանց։ Ու հանկարծ ամեն ինչ մոռացա։ Հին աղբակույտի վրայով ու վերևով, կոտրված ապակու և փալաս֊փուլուսի վերևով սողաց մի այնպիսի թռթիռ, ոնց որ ամառվա շոգ կեսօրին տաք օդն է թրթռում երկաթե տանիքի վրա, այդ թրթիռն անցավ թմբի վրայից ու եկավ մեր դեմը կտրեց, հենց ձողանշանի մոտ, մի քիչ կախված մնաց, մի կես վայրկյան, կամ էլ գուցե ուղղակի թվաց ինձ, ու ձգվեց դեպի դաշտ, թփերի հետևը, փտած ցանկապատի կողմը, հին ավտոմեքենաների գերեզմանոցի կողմը։

Գրողը տանի ակնոցավոր գիտուններին, խելքներին ինչ է փչել, որ ճանապարհը այս փոսի վրայով են անց կացրել։ Դե, ես էլ մի բան չեմ, աչքերս ո՞ւր էին նայում, երբ հիանում էի նրանց քարտեզով։

― Դանդաղ ընթացքով առաջ, ― ասում եմ Կիրիլին։

― Իսկ դա ի՞նչ էր։

― Սատանան գիտի․․․ Կար ու չկա, և փառք աստծու։ Ու սսկվի, խնդրում եմ։ Դու հիմա մարդ չես, հասկացա՞ր։ Դու հիմա մեքենա ես, իմ լծակը․․․

Այստեղ հանկարծ զգացի, որ ես էլ եմ վարակվում խոսելու հարբուխով։

― Վե՛րջ, ― ասում եմ, ― էլ ոչ մի խոսք։

Մի կում գցեի հիմա։ Անպետք բան են այս սկաֆանդրները, այ թե ինչ կասեմ ձեզ։ Այսքան ժամանակ ապրել եմ առանց սկաֆանդրի, ազնիվ խոսք, մի այսքան էլ կապրեմ, բայց որ այս պահին մի կում չեմ կարող անել․․․ Դե, լավ․․․

Քամին կարծես հանդարտվեց, ու ոչ մի վատ բան չի լսվում, միայն շարժիչն է գոռում, հանգիստ, մի տեսակ քնատ․․․ Իսկ չորս կողմը շոգ․․․ գարաժի վերևում տաք մշուշ է․․․ ամեն ինչ կարծես նորմալ է․․․ ձողանշանները իրար հետևից սահում են մեր տակով։ Տենդերը չի խոսում, Կիրիլը չի խոսում՝ խելոքանում են սկսնակները։ Ոչինչ, տղերք, Գոտում էլ է շնչել լինում, միայն թե պիտի կարողանաս․․․ Ահա և յոթերորդ ձողանշանը՝ երկաթե ձողը և վրան կարմիր օղակ՝ 27 համարով։ Կիրիլը նայեց ինձ, ես նրան գլխով արեցի, ու մեր «գալոշը» կանգ առավ։

Հեշտ ճանապարհը անցանք, հիմա սկսվում է ամենադժվարը։ Հիմա մեզ համար ամենակարևորը հանգստություն պահպանելն է։ Շտապելու բան չունենք, քամի չկա, տեսանելիությունը լավ է, ոնց որ ափիդ մեջ։ Ահա այն առուն, որտեղ Լորձը շրմփաց, ինչ֊որ գույնզգույն բան է երևում այնտեղ, երևի նրա փալաս֊փուլուսն է։ Գարշելի մարդ էր, աստված լուսավորի նրա հոգին, ագահ էր, անխելք, կեղտոտ, հենց նրա նմաններն են Գիշակերի հետ կապվում, այդպիսիներին Գիշակեր Բարբրիջը մի կիլոմետրի վրա էլ տեսնում էր ու սուր ճանկերն էր գցում, իսկ ընդհանրապես Գոտին չի հարցնում, լա՞վն ես դու, թե վատը, և շնորհակալություն քեզ, Լորձ, դու հիմարի մեկն էիր, նույնիսկ քո իսկական անունը ոչ ոք չի էլ հիշում, իսկ խելոք մարդկանց․․․ Մնում է հասնենք ասֆալտին։ Ասֆալտը հարթ է, նրա վրա ամեն ինչ երևում է, այն ճեղքն էլ է ինձ ծանոթ։ Միայն թե այս թմբերը դուրս չեն գալիս։ Եթե ուղիղ գնանք դեպի ասֆալտը, ստիպված պիտի լինենք դրանց արանքով անցնելու։ Հալա նայիր, ոնց որ քեզ ձեռ առնեն, սպասում են։ Չէ, ես չեմ անցնի ձեր արանքով։ Ստալկերի երկրորդ պատվիրանը ասում է՝ կամ ձախ, կամ աջ, հարյուր քայլի վրա ամեն ինչ մաքուր պիտի լինի։ Ւսկ ձախ թմբիկի վրայով կարելի է անցնել։ Ճիշտ է, ես չգիտեմ, թե դրանից հետո ինչ է․․․ Քարտեզի վրա, կարծես, ոչ մի բան չկար, բայց ո՞վ է քարտեզին հավատում․․․

― Ռեդ, լսիր, ― շշուկով ասում է Կիրիլը։ ― Արի թռնենք, հա՞։ ― Մի քսան մետր վերև ու միանգամից ցած իջնենք հենց գարաժի մոտ, հը՞։

― Ձայնդ կտրի, տխմար, ― ասում եմ ես։ ― Մի խանգարի, սսկվի։

Դրա՜ն տես։ Բարձրանալ է ուզում։ Իսկ որ այդ քսան մետրի վրա քեզ շրխկացնի՞։ Ոսկորներդ չես հավաքի։ Կամ էլ հանկարծ «մժեղային ճաղատը» կարող է հայտնվել, այդժամ արդեն ոչ միայն ոսկորներդ չես հավաքի, այլ քեզանից ընդհանրապես թաց տեղ կմնա միայն։ Դրան տես, ի՜նչ քաջն է, չի համբերում, թռչել է ուզում․․․ Մի խոսքով, մինչև թումբը պարզ է․ թե ոնց պիտի գնանք, իսկ հետո այնտեղ կանգ կառնենք ու շուրջներս կնայենք։ Ձեռքս մտցրի գրպանս ու մի կույտ պնդողակ հանեցի։ Դրանք ցույց տվի Կիրիլին ու ասացի․

― Մատնաչափիկին հիշո՞ւմ ես։ Դպրոցում անցե՞լ ես։ Այ, հիմա ամեն ինչ հակառակը կլինի։ Նայիր։ ― Ու գցեցի առաջին պնդօղակը։ Շատ հեռու չգցեցի, ինչքան որ պետք էր։ Մի տասը մետր։ Պնդօղակը կանոնավոր թռավ։ ― Տեսա՞ր։

― Հետո՞, ― ասում է Կիրիլը։

― Ոչ թե «հետո», այլ տեսա՞ր, ― հարցնում եմ։

― Տեսա։

― Հիմա շատ դանդաղ «գալոշը» տար այդ պնդօղակի կողմը և նրանից երկու քայլի վրա կանգ առ։ Հասկացա՞ր։

― Հասկացա։ Գրավիկոնցենտրատնե՞ր ես փնտրում։

― Ինչ որ պետք է՝ այն էլ փնտրում եմ։ Սպասիր, մի հատ էլ գցեմ։ Նայիր, թե որտեղ կընկնի, ու աչքդ մի՛ կտրի դրանից։

Ես մի պնդօղակ էլ նետեցի։ Հասկանալի է, որ դա էլ կանոնավոր թռավ ու ընկավ առաջինի կողքը։

― Գնացինք, ― ասում եմ։

Նա միացրեց «գալոշը»։ Նրա դեմքն այժմ հանգիստ էր ու խաղաղ․ երևում է, ամեն ինչ հասկացել է։ Չէ որ նրանք այսպիսին են, բոլոր ակնոցավոր գիտունիկները։ Նրանց համար կարևորը անուն դնելն է։ Քանի դեռ անուն չի հնարել՝ կխղճաս վրան նայես, իսկը տխմարների թագավոր։ Բայց հենց որ հնարի ինչ֊որ գրավիկոնցենտրատ, այ, արդեն, կարծես, սկսում է ամեն ինչ հասկանալ ու միանգամից ապրելը հեշտանում է նրա համար։

Առաջին պնդօղակը անցանք, անցանք երկրորդը, երրորդը։ Տենդերը հառաչում է, մի ոտից մյուսին է հենվում, անընդհատ և իրար հետևից հորանջում է նյարդայնությունից, մի տեսակ շնավարի ոռնալով․ վախենում է խղճուկը։ Ոչինչ, դա օգուտ է նրան։ Այսօր մի հինգ կիլո կգցի, սա ամեն տեսակ դիետայից էլ լավ է․․․ Ես նետեցի չորրորդ պնդօղակը։ Այս մեկը կարծես լավ չթռավ։ Չեմ կարող բացատրել բանն ինչ է, բայց զգում եմ, որ լավ չթռավ, ու իսկույն բռնում եմ Կիրիլի ձեռքը։

― Սպասիր, ― ասում եմ, ― տեղիցդ չշարժվես․․․

Իսկ ինքս վերցնում եմ հինգերորդ պնդօղակն ու նետում ավելի հեռու և ավելի բարձր։ Ահա սկսվեց «մժեղի ճաղատը»։ Պնդօղակը հանգիստ վերև թռավ, ոնց որ թե հանգիստ էլ ցած իջավ, բայց կես ճանապարհին հանկարծ ասես ինչ֊որ մեկը կողքի հրեց, ու այնպես հրեց, որ շրմփաց կավի մեջ ու աչքից չքվեց։

― Տեսա՞ր, ― շշնջացի Կիրիլին։

― Կինոյում էի միայն տեսել, ― ասում է, իսկ ինքն ամբողջովին առաջ է թեքվել, քիչ է մնում «գալոշից» ցած գլորվի։ ― Մի հատ էլ գցիր, հա՞։

Խելքի՜ն նայեցեք։ Մի հատ էլ․․․ Ախր այստեղ մեկն ի՞նչ կանի։ Վա՜յ գիտություն․․․ Լավ, ութ պնդօղակ էլ նետեցի, մինչև որ որոշեցի «ճաղատության» տեղը։ Անկեղծ ասած, յոթն էլ էր հերիք, բայց մեկը հատուկ նրա համար գցեցի, ամենամեջտեղը, թող հիանա իր կոնցենտրատով։ Թրմփաց պնդօղակը կավի մեջ ու տեղը միայն մի անց մնաց։ Կիրիլը կռնչաց գոհունակությունից։

― Դե լավ, ― ասում եմ, ― մի քիչ խաղացինք ու հերիք է։ Այս կողմը նայիր։ Գցում եմ անցումայինը, աչքդ չկտրես նրանից։

Կարճ ասած, մենք հաջող շրջանցեցինք «մժեղի ճաղատը» և բարձրացանք թմբի վրա։ Այս թումբը ոնց որ կատվի կեղտ լինի, ես դա մինչև այսօր ոչ մի անգամ չէի տեսել ընդհանրապես։ Հա․․․ Դե, կախվեցինք այդ թմբի վերևում, ձեռքներս որ ձգենք՝ կհասնենք ասֆալտին, ընդամենը մի քսան քայլ է մնում։ Շատ մաքուր տեղ է, ամեն մի խոտը երևում է, ամեն մի ճեղքը․․․ Թվում էր, թե էլ ինչ ես ուզում, նետիր պնդօղակն ու․․․ աստված մեզ հետ։

Չեմ կարողանում պնդօղակը նետել։

Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում հետս, բայց ոչ մի կերպ չեմ համարձակվում պնդօղակը նետել։

― Հը, ի՞նչ եղավ, ― ասում է Կիրիլը։ ― Ինչո՞ւ ենք կանգնել։

― Սպասիր, ― ասում եմ։ ― Մի՛ խոսիր, աստծու սիրուն։

Հիմա, մտածում եմ, պնդօղակը կնետեմ, հանգիստ կգնանք, ոնց որ հալած յուղի վրայով կանցնենք, իսկ խոտը չի շարժվի, ընդամենը մի կես րոպե ու հետո արդեն կսկսվի ասֆալտը․․․ Ու հենց այդ պահին սառը քրտինքը պատեց մարմինս։ Նույնիսկ աչքերս մթնեցին, ու արդեն գիտեմ, որ պնդօղակն այլևս չեմ նետի այնտեղ։ Ձախ կողմը, խնդրեմ, կարող եմ երկուսը նետել։ Եվ ճանապարհն է ավելի երկար, և այնտեղ երևացող քարերն են մի տեսակ անդուր, բայց դե այնտեղ կարող եմ պնդօղակ նետել, իսկ այ ուղիղ՝ ոչ մի դեպքում։ Ու պնդօղակը նետեցի դեպի ձախ։ Կիրիլը ոչինչ չասաց, «գալոշը» շրջեց, մոտեցրեց պնդօղակին ու միայն այդ ժամանակ նայեց ինձ։ Երևում է, իմ տեսքն էլ մի բան չէր, որովհետև նա իսկույն հեռացրեց հայացքը։

― Ոչինչ, ― ասում եմ նրան, ― ծուռ ճանապարհով ավելի մոտ է։ ― Ու վերջին պնդօղակը նետեցի ասֆալտի վրա։

Այնուհետև գործն ավելի հեշտացավ։ Ես գտա իմ ճեղքը, այն մաքուր էր, իմ սիրունիկը, ոչ մի զիբիլ չէր բուսնել այնտեղ, գույնը չէր փոխել։ Նայում էի այդ ճեղքին ու մտքումս ուրախանում։ Եվ նա մեզ հասցրեց մինչև գարաժի դարպասը բոլոր ձողանշաններից էլ լավ։

Ես Կիրիլին հրամայեցի իջնել մինչև մեկուկես մետր, հետո պառկեցի փորիս վրա ու սկսեցի նայել բաց դարպասին։ Սկզբում արևի պատճառով ոչ մի բան չէր երևում՝ սև էր ու սև, հետո աչքերս վարժվեցին, ու ես տեսնում եմ, որ գարաժում ոնց որ ոչինչ չի փոխվել այն ժամանակից ի վեր։ Ինքնաթափը ոնց որ կանգնած էր փոսի մեջ, այդպես էլ կանգնած է, չի ծակծկվել, գույնը չի թափվել և նրա շուրջը ցեմենտե հատակն էլ է նույնությամբ մնացել, երևի այն պատճառով, որ «վհուկի դոնդողը» քիչ է լցվել փոսի մեջ ու ոչ մի անգամ այնտեղից դուրս չի հոսել։ Մի բան միայն ինձ դուր չեկավ գարաժի խորքում, որտեղ կանիստրներն էին դրված․ ինչ֊որ բան էր պսպղում։ Առաջ դա չկար։ Դե լավ, փայփլում է, թող փայփլի, հո դրա պատճառով հետ չե՞նք դառնալու։ Չէ՞ որ շատ ուժեղ չի փայլում, այլ հազիվ, աննշան, ու մի տեսակ հանգիստ, կարծես նույնիսկ քնքշորեն․․․

Վեր կացա պառկածս տեղից, փորս թափ տվի ու նայեցի շուրջս։ Իսկապես որ գարաժի հրապարակում կանգնած բեռնատարներին ոչինչ չի եղել, կարծես նոր֊նոր լինեն, վերջին անգամ իմ այստեղ գալուց հետո դրանք կարծես ավելի նոր տեսք ունեն, իսկ բենզինատարը լրիվ ժանգոտել է, ուր որ է մաս֊մաս կթափվի։ Այ, անվադողն արդեն դուրս է ընկել, հենց դա էր նրանց քարտեզի վրա նշված․․․

Դուր չեկավ ինձ այդ անվադողը։ Ստվերը մի տեսակ արտառոց է։ Արևը մեր թիկունքում է, իսկ դրա ստվերը ձգվել է մեր կողմը։ Դե լավ, ոչինչ, այդ անվադողը մեզնից հեռու է։ Ընդհանուր առմամբ, կարծես, աշխատել կարելի է։ Միայն թե, այնուամենայնիվ, ի՞նչ է այնտեղ փայլփլում։ Թե՞ ինձ է թվում։ Հիմա լավ կլիներ մի քիչ նստեի, ծխեի ու մտածեի, թե ինչո՞ւ է կանիստրների մոտ փայլփլում, ինչո՞ւ մեզ մոտ չի փայլփլում․․․ Ինչո՞ւ է անվադողի ստվերն այդքան երկար։ Գիշակեր Բարբրիջը ստվերների մասին ինչ֊որ բան էր պատմում, ինչ֊որ արտառոց բան, բայց նաև անվտանգ․․․ Այստեղ ստվերների հետ տարօրինակ բաներ լինում են։ Իսկ այ ի՞նչ է այնտեղ փայլփլում։ Ոնց որ անտառում ծառերի վրայի սարդոստյան լինի։ Տեսնես ի՞նչ սարդ է դա հյուսել։ Էհ, դեռ ոչ մի անգամ ես գոտու տարածքում սարդ ու բզեզ չեմ տեսել։ Եվ ամենավատն այն է, որ իմ «փուչիկը» հենց այնտեղ է ընկած, կանիստրներից մի երկու քայլի վրա։ Ես պետք է ժամանակին այն վերցրած լինեի, ու հիմա ոչ մի գլխացավանք չէր լինի։ Բայց սրիկան շատ ծանր է, ախր լիքն է։ Ես կարող էի տեղից բարձրացնել, բայց շալակած տանել, այն էլ գիշերով, այն էլ չորեքթաթ․․․ Իսկ ով երբեք «փուչիկ» չի շալակել, թող հապա փորձի, դա նույնն է, թե մի փութ ջուրը առանց դույլի տանես․․․ Դեհ ինչ, գնա՞նք։ Պետք է գնալ։ Գոնե մի կում խմելու բան լիներ․․․ Ես շրջվեցի Տենդերի կողմն ու ասացի․

― Հիմա ես ու Կիրիլը կգնանք գարաժ։ Դու այստեղ ես մնում որպես վարորդ։ Առանց իմ կարգադրության ձեռք չտաս ղեկին, ինչ էլ որ պատահի, թեկուզ գետինը վառվի ոտքերիդ տակ։ Եթե վախից փախար, էն աշխարհում էլ սևդ կտամ։

Նա լրջորեն գլխով արեց՝ իբր, չեմ վախենա։ Քիթը ոնց որ կապույտ սալոր լինի, համա թե խփել էի․․․ Դեհ, կամաց ցած իջեցրի վթարային ճոպանները, մի անգամ էլ նայեցի արծաթավուն փայլին, ձեռքով արեցի Կիրիլին ու սկսեվի իջնել։ Կանգնեցի ասֆալտին ու սպասում եմ, մինչև մյուս ճոպանով էլ Կիրիլը իջնի։

― Մի՛ շտապիր, ― ասում եմ նրան։ ― Մի՛ շտապիր։ Հանգիստ։

Ու արդեն կանգնել ենք ասֆալտի վրա, «գալոշը» օրորվում է մեր կողքը, ճոպաններն ընկնում են ոտքերիս տակ։ Տենդերը գլուխը տնկել ու մեզ է նայում, և աչքերի մեջ հուսահատություն է։ Պետք է գնալ։ Ես ասում եմ Կիրիլին․

― Հետևիցս քայլ առ քայլ արի, երկու քայլ հեռավորությամբ, նայիր մեջքիս, ուշքդ վրադ պահիր։

Ու գնացի։ Գարաժի շեմին կանգ առա, շուրջս նայեցի։ Այնուամենայնիվ, շատ ավելի հեշտ է ցերեկով աշխատել, քան գիշերով։ Հիշում եմ, ոնց էի պառկել հենց այս շեմին։ Մութ է, ոնց որ նեգրի ականջում, փոսից «վհուկի դոնդողը» լեզուներն է հանում՝ երկնագույն, ոնց որ սպիրտի բոցը, ու ի՞նչն է ամենավատը, այդ սրիկա բոցը ոչ մի լույս չի տալիս, նույնիսկ ավելի է մթնացնում։ Իսկ հիմա ի՞նչ բան է սա։ Աչքերս սովորեցին կիսախավարին, ու ամեն ինչ պարզ տեսնում եմ, նույնիսկ երևում է ամենամութ անկյունների փոշին։ Եվ իսկապես, արծաթին է տալիս այնտեղ, կանիստրներից ինչ֊որ արծաթավուն թելեր են ձգվում դեպի առաստաղ, իսկը սարդոստայն։ Գուցե դա հենց սարդոստայն է, բայց դե ավելի լավ է հեռու մնանք։ Այ, հենց այստեղ էլ գործը փչացրի։ Ես պիտի Կիրիլին կողքս կանգնեցնեի, սպասեի, որ նրա աչքերն էլ վարժվեն կիսախավարին, ու ցույց տայի այդ սարդոստայնը։ Իսկ ես միշտ սովոր եմ մենակ գործ անել, դրա համար էլ Կիրիլին լրիվ մոռացել էի։

Ես մտա գարաժ ու քայլերս ուղղեցի կանիստրների կողմը։ Պպզեցի «փուչիկի» մոտ՝ սարդոստայնը ոնց որ սրան չի հասել։ Բռնեցի ծայրից ու ասում եմ Կիրիլին․

― Դե, բռնիր։ Միայն թե ձեռքիցդ չգցես, շատ ծանր է․․․

Ես նայեցի նրան, ու ասես շունչս կտրվեց, ոչ մի բառ չեմ կարողանում ասել։ Ուզում եմ գոռալ՝ կանգնիր, չշարժվես, ոչ մի քայլ չանես, չեմ կարողանում։ Ես ոչ էլ կհասցնեի, ախր այդ ամենը շատ արագ եղավ։ Կիրիլը քայլեց «փուչիկի» վրայով, հետևով շրջվեց կանիստրի կողմը և ամբողջ մեջքով մտավ այդ արծաթավուն փայլի մեջ։ Ու ես աչքերս փակեցի։ Ներսումս ամեն ինչ քարացավ, ոչ մի բան չեմ լսում, միայն լսում եմ, թե ինչպես է պատռվում այդ սարդոստայնը։ Մի տեսակ չոր ճթթոցով, ոնց որ սովորական սարդոստայնն է պայթում, միայն թե հասկանալի է, ավելի բարձր։ Նստել եմ աչքերս փակ, ասես ոչ ձեռք ունեմ, ոչ ոտք, իսկ Կիրիլն ասում է․

Դեհ վերցնե՞նք։

― Վերցնենք, ― ասում եմ։

Մենք վերցրինք «փուչիկը» ու տարանք դեպի գարաժի դուռը՝ մի տեսակ կողքանց գնալով։ Ինչ էլ ծանր է անպիտանը, երկուսով դժվարությամբ ենք քարշ տալիս։ Դուրս եկանք գարաժից, կանգնեցինք մեր «գալոշի» մոտ։ Տենդերը թաթերը պարզեց մեր կողմը։

― Դեհ, ― ասում է Կիրիլը, ― մեկ, երկու․․․

― Չէ, ― ասում եմ, ― սպասիր։ Նախ ցած դնենք։

«Փուչիկը» դրինք գետնին։

― Հապա մի մեջքդ դարձրու իմ կողմը, ― ասում եմ։

Նա առանց մի բառ ասելու շրջվեց։ Նայում եմ, ոչ մի բան չկա նրա մեջքին։ Ամեն կողմից լավ նայում եմ՝ ոչ մի բան չկա։ Այդ ժամանակ հետ եմ դառնում ու նայում կանիստրներին։ Այնտեղ էլ ոչ մի բան չկա։

― Լսիր, ― ասում եմ Կիրիլին, իսկ ինքս աչք չեմ կտրում կանիստրներից, ― դու սարդոստայնը տեսա՞ր։

― Ի՞նչ սարդոստայն։ Որտե՞ղ։

― Լավ, ― ասում եմ։ ― Աստված մեզ հետ։

Իսկ մտքումս ասում եմ, որ դա ի միջի այլոց, դեռ հայտնի չէ։

― Դե, ― ասում եմ, ― վերցրու։

Մենք «գալոշի» մեջ գցեցինք «փուչիկը» ու այնպես դրեցինք, որ չգլորվի։ Նայում եմ դրան, աղավնյակին՝ բոլորովին նոր է, մաքուր, պղինձը փայլփլում է արևի տակ, ու պղնձե սկավառակների արանքում եղած կապույտ լցոնը մշուշապատ երանգափոխվում է, մի տեսակ շիթերով։ Եվ հիմա պարզ երևում է, որ դա դատարկ «փուչիկ» չէ, այլ անոթի կամ ապակե բանկայի նման ինչ֊որ բան, որի մեջ ասես կապույտ օշարակ են լցրել։ Մի կուշտ նայեցինք «փուչիկին», հետո ինքներս բարձրացանք «գալոշի» վրա ու, առանց ավելորդ խոսքերի, բռնեցինք հետդարձի ճամփան։

Բախտավոր մարդիկ են այդ գիտնականները։ Նախ՝ ցերեկն են աշխատում։ Իսկ երկրորդը՝ նրանց համար դժվարությունը միայն Գոտի մտնելն է, իսկ այնտեղից արդեն «գալոշը» ինքն իրեն դուրս է բերում նրանց։ «Գալոշի վրա մի այնպիսի սարք կա, կարծեմ՝ ուղղաձիք, որը «գալոշին» տանում է ճիշտ այն ուղղությամբ, որով նա եկել է այստեղ։ Մենք վերադառնում ենք, կրկնելով բոլոր մանյովրները․ կանգ ենք առնում, մի քիչ մնում ենք կախված, ու նորից շարունակում ենք ճանապարհը, անցնում ենք բոլոր պնդօղակների վերևով՝ կուզես հավաքիր դրանք ու նորից լցրու պարկդ։

Իմ սկսնակները, իհարկե, իսկույն սրտապնդվեցին։ Գլուխները այս ու այն կողմ են դարձնում, վախից գրեթե հետք չի մնացել, միայն հետաքրքրասիրություն ու ուրախություն, որ ամեն ինչ բարեհաջող անցավ։ Հետո սկսեցին բլբլալ։ Տենդերը ձեռքերը թափահարելով, սպառնում էր, որ հիմա կնախաճաշի ու իսկույն նորից հետ կգա Գոտի՝ գարաժի ճանապարհին նշանաձողեր դնելու, իսկ Կիրիլը բռնել է թևքիցս ու ինձ բացատրում է, թե ինչ բան է այդ գրավիկոնցենտրատը, այսինքն մեր «մժեղի ճաղատը»։ Ես, ճիշտ է, մի քիչ թողեցի նրանց բլբլան, բայց հետո սսկացրի։ Հանգիստ պատմեցի, թե քանի՜֊քանի հիմարներ են այն աշխարհը գնացել վերադառնալու ճանապարհին։ Լռեք, ասում եմ, ու մի լավ շուրջներդ նայեք, թե չէ կընկնեք Կարճլիկ Լինդոնի օրը։ Ասածս ազդեց նրանց վրա։ Նույնիսկ չհարցրին, թե ինչ է պատահել Կարճլիկ Լինդոնին։ Լողում ենք լռության մեջ, ու ես միայն մի բանի մասին եմ մտածում, թե ոնց պիտի կափարիչը հանեմ ու առաջին կումն անեմ։ Ւսկ աչքիս առաջ անընդհատ այդ սարդոստայնն է փայլփլում։

Կարճ ասած, դուրս եկանք Գոտուց, մեր «գալոշը» մտցրինք ոջլաջարդոցը կամ, գիտական լեզվով ասած, սանիտարական հանգարը։ Այստեղ մեզ երեք անգամ եռման ջրով լվացին ու լողացրին երեք ալկալիներով, ճառագայթահարեցին ինչ֊որ մի տխմարությամբ, ինչ֊որ բան ցանեցին վրաներս ու նորից լվացին, հետո չորացրին ու ասացին․ դե, գնացեք, տղերք, ազատ եք։ Տենդերն ու Կիրիլը «փուչիկը» տարան։ Մարդիկ վազեվազ եկել են, որ նայեն մեզ, անցնելու տեղ չկա, բայց դե ինչն է բնորոշ՝ բոլորը նայում են մեզ ու բացականչություններ անում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում օգնել հոգնած մարդկանց, ոչ մեկը չի խիզախում օգնել «փուչիկը» տանողներին․․․ Լավ, դա արդեն ինձ չի վերաբերում։ Հիմա ոչ մի բան այլևս ինձ չի վերաբերում․․․

Վրայիցս հանեցի արտահագուստը, գցեցի ուղղակի հատակին, ոչինչ ծառա սերժանտները կհավաքեն, իսկ ինքս մտա բաղնիք, որովհետև ոտից գլուխ ջրի մեջ կորած էի, փակվեցի խցիկում, հանեցի տափաշիշը, պտտեցի կափարիչը ու տզրուկի պես սկսեցի ծծել։ Նստել եմ ու ծնկներումս դատարկություն եմ զգում, հոգումս՝ դատարկություն, ու թունդ օղին գլուխս եմ քաշում ոնց որ ջուր։ Կենդանի եմ։ Գոտին բաց թողեց ինձ։ Բաց թողեց զիբիլը։ Հարազատը։ Ստորը։ Կենդանի եմ։ Սկսնակները երբեք ու երբեք դա չեն հասկանա։ Ստալկերից բացի դա ոչ ոք չի հասկանա։ Ու արցունքները հոսում են աչքերիցս՝ օղուց է, թե ինչից, ինքս էլ չգիտեմ։ Տափաշիշը լրիվ դատարկեցի, ինքս թաց եմ, տափաշիշը՝ չոր։ Էհ, վերջին կումը պակաս մնաց։ Ոչինչ, դա ուղղելի բան է։ Հիմա արդեն ամեն ինչ կարելի է ուղղել։ Կենդանի եմ։ Նստել եմ ու սիգարետ եմ ծխում։ Զգում եմ, որ կամաց֊կամաց ուշքի եմ գալիս։ Միտքս եկավ պարգևավճարը։ Դա մեր ինստիտուտում շատ լավ է դրված։ Հենց հիմա էլ կարող ես գնալ ու ստանալ ծրարը։ Իսկ գուցե այստե՞ղ բերեն, հենց բաղնի՞ք։

Ես դանդաղ սկսեցի հանել շորերս։ Հանեցի ժամացույցս, նայում եմ․ ուրեմն, Գոտում մենք մնացել ենք, աստված իմ, հինգ ժամ ու մի քանի րոպե։ Հինգ ժամ․․․ Իսկ եթե մտածեք, թե հինգ ժամն ի՜նչ է ստալկերի համար։ Հեչ բան, որ թքես՝ կչորանա։ Իսկ տասներկու ժամը ո՞նց է։ Իսկ երկու օ՞րը։ Երբ գիշերվա ընթացքում չես հասցնում գործերը վերջացնել, ամբողջ ցերեկը Գոտում պառկում ես մռութդ հողի մեջ և արդեն նույնիսկ չես էլ աղոթում, այլ զառանցում ես, ու ինքդ էլ չգիտես կենդանի ես, թե մեռած․․․ Իսկ երկրորդ գիշերը գործն անում ես, ավարը շալակած մոտենում ես սահմանին, իսկ այնտեղ պահակ գնդացրորդները, դոդոշները, նրանք հո ատում են քեզ, նրանք հավես չունեն քեզ բռնելու, նրանք քեզնից վախենում են ինչպես ժանտախտից, վախենում են, որ դու վարակիչ ես, նրանք աշխատում են քեզ շրխկացնել, դեհ դու էլ գնա ու ապացուցի, որ քեզ անօրինական են շրխկացրել․․․ Եվ, ուրեմն, նորից մռութդ մտցնում ես հողի մեջ ու աղոթում մինչև լույսը բացվի, հետո էլ նորից աղոթում ես մինչև մութն ընկնի, իսկ ավարն ընկած է կողքիդ, ու դու նույնիսկ չգիտես, թե դա հենց այնպես ընկած է կողքի՞դ, թե թաքուն սպանում է քեզ։ Կամ էլ ոնց որ Ոսկրոտ Իսահակի հետ եղավ․ նա լուսաբացին հայտնվում է բաց տեղանքում, ճանապարհից շեղվում է ու մնում երկու առվի արանքում, ո՛չ աջ կարող է գնալ, ո՛չ ձախ։ Երկու ժամ կրակում են նրա վրա, բայց չեն կարողանում դիպչել։ Երկու ժամ նա ձևանում է մեռած։ Փառք աստծու, հավատում են ու, վերջապես, թողնում գնում։ Ես հետո տեսա ոսկրոտ Իսահակին՝ չճանաչեցի, կոտրել էին նրան, այնտեղ մարդ չկար․․․

Ես սրբեցի արցունքներս ու ջրի ծորակը բացեցի։ Շատ երկար էի լողանում։ Սկզբում տաք ջրով, հետո՝ սառը, հետո նորից տաք ջրով․․․ Մի լրիվ օճառից բան չմնաց։ Հետո հոգնեցի։ Ծորակը փակեցի ու լսեցի դռան թակոցը և Կիրիլի ուրախ գոռոցը․

― Հե՜յ, ստալկեր, դուրս արի։ Փողի հոտ է գալիս։

Լա՜վ հոտ է։ Ես դուռը բացեցի․ Կիրիլը կանգնել էր դեմս մերկ, միայն վարտիքով, ուրախ, մելամաղձոտության ոչ մի հետք, ու ինձ է մեկնում ծրարը։

― Վերցրու, ― ասում է, ― երախտապարտ մարդկությունից։

― Թքել եմ քո մարդկության վրա։ Ինչքա՞ն է այստեղ։

― Որպես բացառություն և վտանգավոր պարագաներում ցուցաբերած հերոսական վարքի համար՝ երկու աշխատավարձ։

Հա՛։ Այդպես կարելի է ապրել։ Եթե ամեն մի փուչիկի համար ինձ այստեղ երկու աշխատավարձ տան, ես վաղուց Էռնեստին քշած կլինեի։

― Հը, գո՞հ ես, ― հարցնում է Կիրիլը, իսկ ինքը փայլում է, բերանը հասել է ականջներին։

― Ոչինչ, ― ասում եմ։ ― Իսկ դո՞ւ։

Նա չպատասխանեց։ Գրկեց պարանոցս, սեղմեց ինձ իր թաց կրծքին, սեղմեց ամուր, հետո մի կողմ հրեց ու ինքը մտավ հարևան խցիկը։

― Հե՜յ, ― գոռում եմ նրա հետևից։ ― Տենդերը ո՞նց է։ Հո վարտիքը չի՞ լվանում։

― Ի՜նչ ես ասում։ Թղթակիցներն այնտեղ շրջապատել են Տենդերին, հալա մի տեսնես, թե ոնց է փքվել․․․ Նա այնպիսի գիտակի տեսքով է խոսում․․․

― Ո՞նց է խոսում, ― հարցնում եմ․․․

― Գիտակի պես։

― Լավ, ― ասում եմ, ― սըր։ Մյուս անգամ հետս բառաբան կվերցնեմ։ ― Ու հանկարծ ասես էլեկտրական հոսանքը շանթեց ինձ։ ― Սպասիր, Կիրիլ, ― ասում եմ։ ― Հապա մի արի այստեղ։

― Ախր ես արդեն տկլոր եմ, ― ասում է նա։

― Ոչինչ, հո կնիկ չեմ։

Դեհ, նա դուրս եկավ խցիկից։ Ես բռնեցի նրա ուսերից, մեջքով շրջեցի իմ կողմը։ Չէ՛։ Թվաց ինձ։ Մեջքը մաքուր է։ Քրտինքի շիթերն են չորացել։

― Մեջքս ինչի՞դ է պետք, ― հարցնում է նա։

Ես քացով խփեցի նրա մերկ մարմնին, մտա իմ խցիկն ու փակվեցի։ Գրողը տանի, նյարդերս չեն դիմանում։ Այնտեղ աչքիս երևաց, այստեղ աչքիս երևաց․․․ Գրողի ծոցը ամեն ինչ։ Այսօր պիտի հարբեմ։ Այ Ռիչարդին էլ որ կրեի․․․ Ախր սրիկան չտեսնված է խաղում․․․ Ոչ մի խաղաթղթով նրան չես խեղճացնի։ Ինչ ասես փորձել եմ, սեղանի տակ խաչակնքել եմ խաղաթղթերս, ու էլի ինչ ասես․․․

― Կիրի՜լ, ― գոռում եմ, ― կգա՞ս այսօր «Բորժչ»։

― Ոչ թե «Բորժչ», այլ «Բորշչ», քանի անգամ քեզ ասեմ․․․

― Ձե՛ռ քաշիր։ Գրված է «Բորժչ»։ Դու քո կարգուկանոնով զահլա մի տար։ Կգա՞ս, թե չէ։ Ռիչարդին կրեի՜նք․․․

― Օյ, չգիտեմ, Ռեդ։ Ախր դու, միամիտ մարդ, իսկի չես էլ հասկանում, թե ինչ բան ենք քարշ տվել․․․

― Դու իբր հասկանո՞ւմ ես։

― Ես, ի միջի այլոց, նույնպես չեմ հասկանում։ Դա ճիշտ է։ Բայց հիմա, նախ հասկանալի է, թե այդ «փուչիկներն» ինչի են ծառայել, և երկրորդը, եթե իմ մտահղացումն ընդունվի․․․ Հոդված կգրեմ ու անձամբ քեզ կնվիրեմ՝ Ռեդրիկ Շուխարտին, պատվավոր ստալկերին, նվիրում եմ երախտապարտությամբ և ակնածանքով։

― Ու ինձ իսկույն երկու տարով կնստացնեն։

― Ինչ անենք, բա որ գիտության մեջ կընկնե՞ս։ Այդ բանը հենց քո անունով կկոչեն՝ «Շուխարտի բանկա»։ Ո՞նց է հնչում․․․

Մինչ մենք այսպես խոսում էինք, ես հագնվեցի։ Դատարկ տափաշիշը դրեցի գրպանս, հաշվեցի փողերն ու գնացի։

― Բարով մնաս, խելոք մարդ․․․

Նա չպատասխանեց․ ջրի աղմուկը շատ ուժեղ էր։

Տեսնեմ միջանցքում կանգնել է ինքը պարոն Տենդերը, կարմրատակած, ոնց որ փքված հնդուհավ։ Նրան չորս կողմից շրջապատել են՝ և՛ աշխատակիցներ կան այստեղ, և՛ թղթակիցներ, և՛, մի երկու սերժանտ են խցկվել (հենց նոր ուտելու տեղից են եկել, ատամներն են քչփորում), իսկ նա հո՜ չի բլբլում։ «Այն տեխնիկան, որ ունեինք մեր ձեռքի տակ, ― բլբլում է նա, ― գրեթե հարյուր տոկոսով երաշխավորում է հաջողությունն ու անվտանգությունը․․․»։ Այստեղ նա ինձ տեսավ ու միանգամից ձգվեց՝ ժպտում է, ձեռքով անում։ Դեհ, մտածում եմ, ծլկել է պետք։ Ուզեցի, բայց չհասցրի։ Լսում եմ, հետևիցս թփթփացնելով վազում են։

― Պարո՜ն Շուխարտ։ Պարոն Շուխա՜րտ։ Երկու խոսք գարաժի մասին։

― Մեկնաբանություններ չունեմ, ― պատասխանում եմ ես ու փորձում վազելով փախչել։ Բայց դրանցից պրծում չկա․ մեկը միկրոֆոնով կանգնել է աջ կողմս, մյուսը լուսանկարչական ապարատով, ձախ կողմս։

― Դուք որևէ արտառոց բան տեսա՞ք գարաժում։ Միայն երկու խոսք։

― Մեկնաբանելու բան չունեմ, ― ասում եմ ես, աշխատելով ծոծրակս դեմ տալ օբյեկտիվին։ ― Սովորական գարաժ է․․․

― Շնորհակալություն։ Ի՞նչ կարծիքի եք տուրբոպլատֆորմաների մասին։

― Հրաշալի, ― ասում եմ ես ու աչքս գցում եմ զուգարանին։

Ի՞նչ եք մտածում Այցելության նպատակների մասին։

― Դիմեք գիտնականներին, ― ասում եմ ու ինձ գցում զուգարան։

Լսում եմ՝ քաշքշում են դուռը։ Դռան հետևից ասում եմ․

― Լրջորեն խորհուրդ եմ տալիս, որ հարցնեք պարոն Տենդերին, թե քիթն ինչո՞ւ է ճակնդեղ դառել։ Նա համեստորեն լռում է, մինչդեռ դա մեր ամենահաճելի արկածն է եղել։

Համա՜ թե սլացան միջանցքով։ Ոնց որ ձիեր, աստված վկա։ Ես մի րոպե սպասեցի՝ լռություն է։ Գլուխս դուրս հանեցի դռնից, ոչ ոք չկա։ Ու հանգիստ գնացի՝ քթիս տակ սուլելով։ Իջա պահակատուն, անցաթուղթս ցույց տվի լողլողին, իսկ նա ձեռքը տարել է գլխարկին՝ ինձ պատիվ է տալիս։ Օրվա հերոս եմ, բա ո՜նց։

― Ազա՛տ, սերժանտ, ― ասում եմ։ ― Ես գոհ եմ ձեզնից։

Նա սեպերը բացեց, կարծես նրան չգիտեմ ի՜նչ գովասանք տվի։

― Դեհ, Շեկ, կեցցես, ― ասում է։ ― Ես հպարտանում եմ մեր ծանոթությամբ։

― Ւ՞նչ է, ― ասում եմ, ― աղջիկներին պատմելու բան կունենաս քո Շվեդիայում, հա՞։

― Էլ ասո՜ւմ ես։ Նրանք հո մոմի պես կհալվեն։

Չէ, ոնց որ վատ տղա չէ։ Ճիշտը որ ասեմ, ես չեմ սիրում սրա նման լողլողներին ու կարմրաթուշներին։ Աղջիկների ուշքը գնում է սրանց համար, թե ինչի չգիտեմ։ Բանը հո բոյը չի․․․ Քայլում եմ փողոցում ու միտք անում, թե ինչն է այստեղ կարևոր։ Արևը տաքացնում է, չորս կողմը ամայի է։ Ու հանկարծ ուզեցի հենց հիմա Գուտային տեսնել։ Հենց այնպես։ Նայել նրան, ձեռքը բռնել։ Գոտուց հետո մարդը միայն մի բան է ուզում՝ աղջկա ձեռք բռնել։ Մանավանդ երբ հիշում եմ ստալկերների երեխաների մասին այդ բոլոր խոսակցությունները, թե ինչ տեսակ են նրանք լինում․․․ Չէ, ո՛չ մի Գուտա, հիմա ինձ նախ մի շիշ թունդ բան է պետք, ոչ պակաս։

Ես անցա ավտոկայանի մոտով, իսկ այնտեղ սահմանն է։ Երկու պարեկային մեքենա են կանգնած իրենց ողջ շքեղությամբ հանդերձ՝ լայն, դեղին, լուսարձակներով ու գնդացիրներով։ Դոդոշներ, գազազել են, դե, իհարկե, կապույտ սաղավարտները ամբողջ փողոցը փակել են, անցնել չի լինի։ Ես գնում եմ աչքերս կախ, հիմա լավ կլինի, որ չնայեմ դրանց վրա, ցերեկն ընդհանրապես չարժե, որ դրանց վրա նայեմ․ մի երկու տիպեր կան, ու ես չեմ ուզում դրանց տեսնել, թե չէ մեծ կռիվ դուրս կգա, եթե դրանց տեսնեմ։ Դրանց բախտը բերեց, ազնիվ խոսք, որ Կիրիլն ինձ ինստիտուտ տարավ, ես այն ժամանակ փնտրում էի այդ իժերին, կսատկացնեի ու վերջ․․․

Անցնում եմ ամբոխի միջով՝ ուսով ճանապարհ բացելով, արդեն համարյա դուրս էի եկել, մեկ էլ հանկարծ լսում եմ՝ «Հե՜յ, ստալկեր»։ Դեհ, դա ինձ չի վերաբերում, ճանապարհս շարունակում եմ, տուփից մի սիգարետ եմ հանում։ Ինչ֊որ մեկը հետևիցս հասնում է ու ձեռքը գցում թևիս։ Ես թևքս ազատում եմ նրանից ու, մի քիչ կռանալով, քաղաքավարի հարցնում եմ․

― Ի՞նչ ես կպել, միստր։

― Սպասիր, ստալկեր, ― ասում է նա։ ― Երկու հարց ունեմ։

Գլուխս բարձրացնում եմ ու նայում եմ նրան․ կապիտան Քվոտերբլադն է։ Հին ծանոթս։ Լրիվ ցամաքել է, մի տեսակ սմքել, դեղնել։

― Հա՜, ― ասում եմ, ― ողջույն, կապիտան։ Ո՞նց է ձեր լյարդը։

― Դու, ստալկեր, քամի մի արա, ― ջղայնացած ասում է նա ու աչքերով շոշափում է ինձ։ ― Ավելի լավ է ասես, թե ինչո՞ւ անմիջապես չես կանգնում, երբ քեզ կանչում են։

Ու իսկույն էլ նրա հետևում հայտնվում են երկու կապույտ սաղավարտ՝ թաթերը պատյաններին, աչքերը չեն երևում, միայն ծնոտներն են իրար գալիս սաղավարտի տակ։ Ու որտեղի՞ց են Կանադայում սրանց հավաքում։ Ցեղացու են սրանց ուղարկում այստեղ․․․

Ցերեկը ես պարեկներից չեմ վախենում ընդհանրապես, բայց դե այս դոդոշները կարող են ինձ խուզարկել, իսկ հիմա դա ինձ հեչ պետք չէր։

― Մի՞թե դուք ինձ կանչել եք, կապիտան, ― ասում եմ։ ― Դուք ինչ֊որ ստալկերի էիք․․․

― Իսկ դու, ուրեմն, էլ ստալկեր չես, հա՞։

― Ինչ ձեր ողորմածությամբ նստեցի՝ դրանից հետո ձեռ եմ քաշել, ― ասում եմ։ ― Վերջ եմ տվել։ Շնորհակալ եմ ձեզնից, կապիտան, աչքերս բաց արիք։ Եթե դուք այն ժամանակ․․․

― Ի՞նչ էիք անում նախագոտիում։

― Ո՞նց թե ինչ։ Ես այնտեղ եմ աշխատում։ Արդեն երկու տարի է։

Ու որպեսզի շուտ վերջացնեմ այս տհաճ խոսակցությունը, հանում եմ վկայականս ու մեկնում կապիտան Քվոտերբլադին։

Նա վերցնում է գրքույկս, թերթում, ամեն մի էջն ու ամեն մի կնիքը հոտոտում, քիչ է մնում լիզի։ Հետո վերադարձնում է ինձ, ու շատ գոհ է իրենից, աչքերը պլպլում են, նույնիսկ դեմքին գույն եկավ։

― Ներիր, ― ասում է, ― Շուխարտ։ Մտքովս չէր անցնի։ Ուրեմն, ― ասում է, ― խրատներս իզուր չանցան։ Դեհ, հրաշալի է։ Ուզում ես՝ հավատա, ուզում ես՝ չէ, իսկ ես դեռ այն ժամանակ ենթադրում էի, որ քեզնից մարդ դուրս կգա։ Չէի ուզում մտածել, որ քեզ նման ջահելը․․․

Ու խոսեց, խոսեց․․․ Դեհ, մտածում եմ, մի մելամաղձոտի էլ բուժեցի՝ գլխիս պատիժ, բայց ինքս, իհարկե, լսում եմ, հայացքս համառորեն ներքև եմ գցում, գլխով հաստատում եմ ասածները, ձեռքերս թափահարում, ու նույնիսկ, հիշում եմ, ամաչելուց ոտքով խոտն էի տրորում։ Կապիտանի հետևում տնկված աժդահաների սիրտը խառնեց նրա զավզակությունից, լսեցին, լսեցին ու թողին գնացին մի ավելի ուրախ տեղ։ Իսկ կապիտանը հիմա էլ սկսեց հեռանկարից խոսել, իբր ուսումը լույս է, տգիտությունը՝ խավար, աստված, իբր սիրում ու գնահատում է ազնիվ աշխատանքը, մի խոսքով՝ գլխից դուրս է տալիս այն ցնդաբանությունը, որը բանտում ամեն կիրակի լսում էինք տերտերից։ Իսկ ես էլ չեմ դիմանում՝ խմել եմ ուզում։ Բայց դե ինքս ինձ ասում եմ․ ոչինչ, Ռեդ, սրան էլ կդիմանաս։ Պետք է դիմանաս, Ռեդ։ Հո երկար չի կարողանա էս թափով, արդեն շունչը կտրվում է․․․ Իմ բախտից հենց այդ ժամանակ պարեկային մեքենաներից մեկը սկսեց ազդանշան տալ։ Կապիտան Քվոտերբլադը հետ նայեց, ջղայնացած փնչացրեց ու ձեռքը մեկնեց ինձ։

― Դե ինչ, ― ասում է։ ― Ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար, ազնիվ մարդ Շուխարտ։ Էսպիսի ծանոթության առթիվ մեծ հաճույքով մի բաժակ կխմեի քեզ հետ։ Ճիշտ է, թունդ բան չի կարելի, բժիշկը արգելում է, սակայն գարեջուր կխմեի քեզ հետ։ Բայց թե տեսնում ես էլի, աշխատանք է։ Ոչինչ, էլի կհանդիպենք, ― ասում է։

Աստված ոչ անի, ասում եմ մտքումս։ Բայց ձեռքը սեղմում եմ ու էլի կարմրում, ոտքով խոտը տրորում՝ ամեն ինչ նրա սրտով։ Հետո նա վերջապես գնաց, իսկ ես նետի պես սլացա «Բորժչ»։

Այս ժամին «Բորժչում» մարդ չի լինում։ Էռնեստը կանգնած է վաճառասեղանի հետևում, բաժակները սրբում է ու դեմ անում լույսին։ Զարմանալի բան է, ի միջի այլոց, երբ էլ որ գաս, այս բարմենները միշտ էլ բաժակ են սրբում, ասես նրանց հոգու փրկությունը դրանից է կախված։ Ու ամբողջ օրը կկանգնեն այդպես, կվերցնեն բաժակը, աչքները կկոցած կնայեն, հետո կպահեն լույսին, կփչեն վրան ու կսկսեն փայլեցնել, կպրտեն֊կպրտեն, նորից լույսին կպահեն, այս անգամ հակառակ կողմից, ու էլի կշարունակեն պրտել․․․

― Ողջույն, Էռնի, ― ասում եմ, ― հերիք տանջես դրան, կծակես։

Էռնին բաժակի միջից նայեց ինձ, ինչ֊որ բան փնչացրեց, ասես փորով, ու, ոչ մի ավելորդ բառ չասելով, չորս մատ թունդ բան լցրեց։ Ես նստեցի աթոռին, մի կում արեցի, աչքերս փակեցի։ Սառնարանը չխկչխկում է, երաժշտական ավտոմատից կամացուկ ճնկճնկոց է լսվում։ Էռնեստը հաջորդ բաժակն է լցնում․ ինչ լավ է, հանգստացնող․․․ Խմեցի, բաժակը դրեցի վաճառասեղանին, ու Էռնեստը, ժամանակ չկորցնելով, նորից չորս մատ լցրեց թափանցիկ հեղուկից։

― Հը, մի քիչ թեթևացա՞ր, ― փնչացնում է։ ― Ուշքդ տեղը եկա՞վ, ստալկեր։

― Դու քո երեքի հախն իմացիր, ― ասում եմ։ ― Գիտես, մի տերտեր չար ոգի էր կանչում։ Հետո իր քեֆին ապրեց․․․

― Ո՞վ֊ո՞վ, ― հարցնում է Էռնին թերահավատորեն։

― Դե այստեղ մի բարմեն կար, ― ասում եմ, ― քեզանից առաջ։

― Հետո՞։

― Հետո՝ ոչինչ։ Ի՞նչ ես կարծում։ Այցելությունն ինչո՞ւ եղավ։ Նա տեր էր, տեր․․․ Ի՞նչ ես կարծում, ո՞վ մեզ այցելեց, հը՞։

― Համա թե զավզակն ես, ― ուրախ ասում է Էռնին։

Հետո նա գնաց խոհանոց և վերադարձավ ափսեով՝ տապակած նրբերշիկ բերեց։ Ափսեն դրեց դեմս, մոտեցրեց քետչուպը, իսկ ինքը նորից սկսեց բաժակները պրտել։ Էռնեստը գիտի իր գործը։ Նրա աչքը սուր է, իսկույն տեսնում է, որ ստալկերը Գոտուց է եկել, որ «ապրանք» կա, և Էռնին գիտի, թե Գոտուց հետո ինչ է պետք ստալկերին։ Էռնին մեր մարդն է։ Մեր բարերարը։

Նրբերշիկն ուտելուց հետո սկսեցի ծխել ու մտքիս մեջ հաշվել, թե Էռնեստն ինչքան փող է սարքում մեզ նմանների հաշվին։ Ես չգիտեմ, թե Եվրոպայում մեր «ապրանքն» ինչ գին ունի, բայց մի թեթև լսել եմ, որ, օրինակ, «փուչիկը» այնտեղ թռնում է երկուսուկես հազարով, իսկ Էռնին մեզ ընդամենը չորս հարյուր է տալիս։ «Մարտկոցն» այնտեղ արժի հարյուրից ոչ պակաս, իսկ նա ամենաշատը մեզ տալիս է քսան։ Եվ, երևի, մյուս բաներն էլ նույն ձևով է անում։ Ճիշտ է, ապրանքը Եվրոպա ուղարկելն էլ փող արժե։ Սրա ձեռքը մի բան պիտի գցես, նրա ձեռքը, կայարանի պետն էլ սրանց հաշվին կապրի․․․ Մի խոսքով, որ լավ մտածենք, Էռնեստն այնքան էլ շատ չի գռփում, տասնհինգ֊քսան տոկոս, ոչ ավելի, իսկ եթե բռնվի՝ հաստատ տասը տարի աքսոր․․․

Այստեղ իմ բարեպաշտ խորհրդածություններն ընդհատում է մի քաղաքավարի տիպ։ Ես նույնիսկ չեմ լսել նրա ներս մտնելը։ Նա հայտնվում է աջ արմունկիս կողքը ու հարցնում․

― Թույլ կտա՞ք։

― Դա ինչ ասելու բան է։ Խնդրեմ, ― ասում եմ։

Պուճուր֊մուճուր, նիհար, սուր քթով ու․․․ «թիթեռնիկ» փողկապով։ Նրա լուսանկարը ոնց որ ինձ ծանոթ է, ինչ֊որ տեղ ես նրան տեսել եմ, բայց թե որտեղ՝ չեմ հիշում։ Նա նստեց կողքիս աթոռին ու Էռնեստին ասաց․

― Խնդրում եմ՝ բուրբոն։ ― Ու իսկույն էլ շուռ եկավ ինձ։ ― Ներեցեք, բայց, կարծես, ես ձեզ ճանաչում եմ։ Դուք Միջազգային ինստիտուտում եք աշխատում, չէ՞։

― Այո, ― ասում եմ։ ― Իսկ դո՞ւք։

Նա ճարպկորեն հանում է գրպանից այցետոմսը ու դնում առաջս։ Կարդում եմ՝ «Ալոիզ Մակնո, Արտագաղթի բյուրոյի լիազոր գործակալ»։ Դե, իհարկե, ես գիտեմ նրան։ Կպչում է մարդկանց, որ նրանք մեկնեն քաղաքից։ Ինչ֊որ մեկին շատ է պետք, որ բոլորս դուրս գանք քաղաքից։ Իսկ մենք, հասկանում ես, ինստիտուտում առանց այն էլ նախկինի կեսն ենք մնացել։ Բայց նրանց պետք է, որ մենք լրիվ մաքրվենք այստեղից։ Ես եղունգով մի կողմ տարա այցետոմսն ու ասացի նրան․

― Ոչ, շնորհակալություն։ Չեմ հետաքրքրվում։ Երազում եմ մեռնել հայրենիքում։

― Իսկ ինչո՞ւ, ― աշխուժորեն վրա է տալիս նա։ ― Ներեցեք անհամեստությանս համար, բայց ի՞նչն է ձեզ այստեղ պահում։

― Ոնց թե ինչը, ― ասում եմ։ ― Մանկությանս քաղցր հուշերը։ Առաջին համբույրը քաղաքային այգում։ Մայրիկս, հայրիկս։ Առաջին հարբած կռիվս հենց այս պանդոկում։ Սիրածս ոստիկանատունը․․․ Այստեղ գրպանիցս հանեցի կեղտոտ թաշկինակս ու սրբեցի աչքերս։ ― Չէ, չէ, ― ասում եմ։ ― Դա հնարավոր բան չէ։

Նա ծիծաղեց, լպստեց իր բաժակը և մտածկոտ ասաց․

― Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ ձեզ, հարմոնտցիներիդ։ Քաղաքում ապրուստը դժվար է։ Իշխանությունը պատկանում է զինվորական կազմակերպություններին։ Մատակարարումը մի բան չի։ Կողքը Գոտին է, ոնց որ հրաբուխի վրա ապրեք։ Ամեն վայրկյան կարող է համաճարակ բռնկվել, կամ էլ ավելի վատ բան․․․ Ծերերին ես դեռ հասկանում եմ։ Նրանց համար դժվար է տուն֊տեղ թողնելը։ Բայց թե դուք․․․ Քանի՞ տարեկան եք։ Երևի քսաներկու֊քսաներեք, ոչ ավել․․․ Դուք հասկացեք, մեր բյուրոն բարեգործական կազմակերպություն է, մենք ոչ մի շահ չենք ակնկալում։ Չէ որ մենք ապահովում ենք ճանապարհածախսը, նոր տեղում աշխատանքի ընդունվելը, ձեզ նման ջահելներին սովորելու հնարավորություն ենք տալիս․․․ Չեմ հասկանում։

― Իսկ ինչ է, ― ասում եմ, ― ոչ ոք չի՞ ուզում գնալ այստեղից։

― Դե չէ, այդպես չէի ասի․․․ Ոմանք համաձայնում են, մանավանդ ընտանիքավորները։ Բայց այ ջահելները, ծերերը․․․ Դե ախր ի՞նչ եք գտել այս քաղաքում։ Սա հո մի խուլ ծակ է, գավառ։

Այստեղ ես էլ չդիմացա․

― Պարոն Ալոիզ Մակնո, ― ասում եմ։ ― Դուք ճիշտ եք։ Մեր քաղաքը խուլ ծակ է։ Միշտ էլ կորած֊մոլորած ծակ է եղել։ Հիմա էլ է ծակ։ Բայց այն տարբերությամբ, որ հիմա մեր քաղաքը դեպի ապագան տանող ծակ է։ Այս ծակի միջով մենք այնպես շուռ կտանք ձեր քնձռոտ աշխարհը, որ ամեն ինչ հիմնահատակ կփոխվի։ Մարդիկ ուրիշ ձևով կապրեն, ճիշտ կապրեն, ամեն մեկը կունենա իր ուզածը։ Այ թե ինչ ծակ է։ Այս ծակի միջով գիտելիքներ են գալիս։ Իսկ երբ գիտելիքներ լինեն, մենք բոլոր մարդկանց հարուստ կդարձնենք, ու դեպի աստղերը կթռչենք։ Այ թե ի՜նչ ծակ է մեր քաղաքը։

Այստեղ սսկվեցի, որովհետև նկատեցի, որ Էռնեստը շշմած ինձ է նայում, ու մի տեսակ վատ զգացի։ Ընդհանրապես չեմ սիրում ուրիշի խոսքերը կրկնել, եթե այդ խոսքերը նույնիսկ իմ սրտով են, մանավանդ որ իմ բերանից մի տեսակ անշնորհք են հնչում։ Երբ Կիրիլն է ասում՝ բերանդ բաց լսում ես։ Իսկ ես ոնց որ նույն բաներն եմ ասում, բայց դե էդպես չի ստացվում։ Գուցե պատճառն այն է, որ Կիրիլը ոչ մի անգամ իր «ավարը» պահ չի տվել Էռնեստին։ Է՛հ, լավ․․․

Այստեղ իմ Էռնին սթափվեց ու միանգամից բաժակս լցրեց մի վեց մատ, իբր, խմի՛, խելքդ գլուխդ հավաքիր, մեր տղա, քեզ ի՞նչ է պատահել այսօր։ Իսկ սրաքիթ պարոն Մակնոն լպստեց իր բուրբոնն ու ասաց․

― Հա, իհարկե․․․ Հավերժական ակումուլյատորներ, «կապույտ բալասան»․․․ Բայց դուք իսկապե՞ս հավատում եք, որ ձեր ասածները կլինեն։

― Դա ձեզ չի վերաբերում, թե ես իսկապես ինչի եմ հավատում, ― ասում եմ։ ― Ես քաղաքի մասին էի ասում։ Իսկ իմ մասին կասեմ․․․ այդ ի՞նչ կա ձեր Եվրոպայում, որ տեսած չլինեմ։ Ձեր ձանձրալի կյա՞նքը չեմ տեսել։ Ամբողջ օրը չարչարվում են, իրիկունը հեռուստացույց են նայում․․․

― Իսկ ինչո՞ւ անպայման Եվրոպա․․․

― Է՛հ, ― ասում եմ, ― ամեն տեղ էլ նույնն է, իսկ Անտարկտիդայում համ էլ ցուրտ է։

Զարմանալին այն էր, որ ես նրան ասում էի այս բաները ու ինքս էլ ամբողջ սրտով հավատում իմ ասածներին։ Ու մեր էս զզվելի Գոտին՝ անիծյալ մարդասպանը, այդ պահին շատ ավելի իմ սրտով էր, քան նրանց բոլոր Եվրոպաներն ու Աֆրիկաները։ Ախր դեռ հարբած էլ չէի, պարզապես մի րոպե պատկերացրի, թե ոնց եմ աշխատանքից հոգնած տուն գալիս ինձ նման ապուշների հոտի մեջ, ոնց են ինձ ամեն կողմից հրմշտում իրենց նեղլիկ փողոցներում, ու ոնց եմ զզվում ամեն ինչից․․․

― Իսկ դուք ի՞նչ կասեք, ― Էռնեստին է դիմում սրաքիթը։

― Ես գործ եմ անում, ― ծանրումեծ պատասխանում է Էռնին։ ― Ես ձեզ համար լակոտ չեմ։ Բոլոր փողերս գործի մեջ եմ դրել։ Ինձ մոտ ինքը պարետն էլ է գալիս, մեր գեներալը, հասկացա՞ր։ Էլ ինչի՞ պիտի ես էստեղից գնամ։

Պարոն Ալոիզ Մակնոն սկսեց ինչ֊որ թվեր մտցնել նրա գլուխը, բայց ես արդեն չէի լսում։ Մի մեծ կում արեցի, գրպանիցս մի բուռ մանր հանեցի, իջա աթոռակից և միացրի երաժշտական ավտոմատը։ Այնտեղ մի երգ կա՝ «Մի վերադարձիր, եթե համոզված չես»։ Գոտուց հետո դա շատ լավ է ազդում ինձ վրա․․․ Դեհ, ուրեմն ավտոմատը դղրդում է ու ոռնում, իսկ ես բաժակս վերցրի ու գնացի անկյունում նստած «միձեռանի ավազակի» հետ հին հաշիվներս փակելու։ Ու ժամանակը թռավ ոնց որ հավք․․․ Վերջին նիկելս եմ գցում, ու մեկ էլ հյուրընկալ շեմից ներս են ընկնում Ռիչարդ Նունանն ու Գուտալինը։ Գուտալինն արդեն լավ կոնծած է, աչքերով մարդ է փնտրում, որ վզակոթին հասցնի, իսկ Ռիչարդ Նունանը քնքշորեն բռնել է նրա ձեռքն ու անեկդոտ է պատմում, որ ուշադրությունը շեղի։ Լավ զույգ է։ Գուտալինը՝ հաղթանդամ, սպայի սապոգի պես սև, գանգրամազ, ձեռքերը հասնում են ծնկներին, իսկ Դիկը՝ պստիկ, կլորիկ, ոտից գլուխ վարդագույն ու բարի՜֊ բարի, մնում է, որ լույս տա։

― Պա՜հ, ― գոռում է Դիկը, ինձ տեսնելով։ ― Ռեդն էլ է այստեղ։ Մեզ մոտ արի, Ռե՜դ։

― Ճը․․․ ճի՜շտ է, ― ոռնում է Գուտալինը։ ― Այս քաղաքում ընդամենը երկու մարդ կա՝ Ռեդն ու ես։ Մնացածը խոզ են, սատանայի ծնունդ։ Ռե՜դ։ Դու էլ ես սատանային ծառայում, բայց թե էլի մարդ ես․․․

Բաժակը ձեռքիս մոտենում եմ նրանց։ Գուտալինը բռնում է բաճկոնիցս ու ինձ նստեցնում իրենց սեղանի մոտ։

― Նստիր, Շեկ։ Նստիր սատանի ծառա։ Սիրում եմ քեզ։ Արի միասին լաց լինենք մարդկանց մեղքերի համար։ Դառը լաց լինենք։

― Քանզի կգա օրը, ― ավետում է Գուտալինը։ ― Քանզի արդեն սանձահարված է ձին, հեծյալն արդեն ոտքը դրել է ասպանդակին։ Եվ իզուր են սատանային ծախվածների աղոթքները։ Ու կփրկվեն միայն նրա դեմ ընդվզածները։ Դուք, մարդկային ցեղի զավակներ, որ գայթակղվել եք սատանայով, որ խաղում եք սատանայի խաղալիքներով, որ սատանայի գանձերին եք տիրացել, ասում եմ ձեզ՝ կույր եք։ Ուշքի եկեք, սրիկաներ, քանի դեռ ուշ չէ։ Ջարդուփշուր արեք դիվային խաղալիքները։ ― Այստեղ նա հանկարծ լռեց, ասես մոռացել էր շարունակությունը։ ― Իսկ ինձ խմելու բան կտա՞ն այստեղ, ― արդեն ուրիշ ձայնով հարցրեց նա։ ― Թե՞ ես ուրիշ տեղ եմ ընկել։ Գիտես, շեկ, էլի ինձ աշխատանքից վռնդեցին։ Ասում են՝ ագիտատոր եմ։ Ես նրանց բացատրում եմ՝ ուշաքի եկեք, ինքներդ կույր֊կույր անդունդն եք գլորվում և ուրիշ կույրերի էլ ձեր հետևից եք տանում։ Հռհռում են։ Դե ես էլ մի լավ հագցրի կառավարչին։ Հիմա ինձ կնստեցնեն։ Իսկ ինչի՞ համար․․․

Եկավ Դիկը ու մի շիշ դրեց սեղանին։

― Այսօր ես եմ վճարում, ― գոռացի Էռնեստին։

Դիկը խեթ֊խեթ նայեց ինձ։

― Ամեն ինչ օրինական է։ Պարգևավճարս պիտի խմենք։

― Գոտի ե՞ք գնացել, ― հարցնում է Դիկը։ ― Մի բան դուրս բերի՞ք։

― Լիքը «փուչիկ», ― ասում եմ։ ― Գիտության զոհասեղանի համար։ Հը, լցնելո՞ւ ես բաժակներս, թե չէ։

― «Փուչիկ»․․․ ― վշտացած փնչացնում է Գուտալինը։ ― Մի ինչ֊որ «փուչիկի» համար կյանքդ ես վտանգի տակ դրել։ Կենդանի ես մնացել, բայց թե աշխարհ ես բերել էլի մեկ դիվային բան․․․ Իսկ դու, Շեկ, որտեղի՞ց կարող ես իմանալ, թե ինչքան վիշտ ու մեղք․․․

― Սսկվիր, Գուտալին, ― չոր ասում եմ նրան։ ― Խմիր և ուրախացիր, որ ես ողջ առողջ եմ եկել։ Տղերք, խմենք հաջողության կենացը։

Հաջողության կենացը լավ խմվեց։ Գուտալինը լրիվ թթվել է, նստել ու լաց է լինում, արցունքները աչքերից հոսում են ոնց որ ջրի ծորակից։ Ոչինչ, ես նրան լավ գիտեմ։ Հիմա նրա լաց լինելու և քարոզներ կարդալու շրջանն է, որ Գոտին, իբր, սատանայական գայթակղություն է, այնտեղից ոչ մի բան չի կարելի դուրս բերել, իսկ ինչ որ արդեն բերել եք՝ հետ տարեք, դրեք տեղը ու ապրեք այնպես, ասես Գոտի գոյություն էլ չունի։ Սատանայինը, իբր, սատանային։ Ես սիրում եմ Գուտալինին։ Ընդհանրապես սիրում եմ տարօրինակ մարդկանց։ Երբ նա փող է ունենում, ումից ասես «ապրանք» է առնում առանց սակարկելու, ինչ գին էլ որ ասում են, իսկ հետո գիշերը այդ «ապրանքը» հետ է տանում գոտի ու թաղում այնտեղ․․․ Աստված իմ, ո՜նց է ոռնում։ Է՛հ, ոչինչ, կանցնի․․․

― Իսկ ի՞նչ բան է այդ լիքը փուչիկը, ― հարցնում է Դիկը։ ― Սովորական «փուչիկը» գիտեմ, իսկ թե լիքը ի՞նչ է՝ չգիտեմ․ Առաջին անգամ եմ լսում։

Ես բացատրեցի նրան, նա գլուխն օրորեց ու շրթունքներով ճպճպացրեց։

― Հա, ― ասում է, ― հետաքրքիր է։ Դա, ― ասում է, ― նոր բան է։ Իսկ դու ում հետ էիր գնացել։ Ռուսների՞։

― Հա, ― պատասխանում եմ։ ― Կիրիլի ու Տենդերի հետ։ Ճանաչո՞ւմ ես, մեր լաբորանտն է։

― Երևի չարչարվեցիր նրաց հետ․․․

― Բոլորովին։ Տղերքը կարգին պահեցին իրենց։ Մանավանդ Կիրիլը։ Բնածին Ստալկեր է, ― ասում եմ։ ― Նրան փորձն է պակասում, որ տղայական շտապողականությունից ձեռ քաշի։ Ես նրա հետ ամեն օր կգնայի Գոտի։

― Ու ամեն գիշե՞ր, ― հարցնում է նա, հարբածի քմծիծաղով։

― Ձեռ մի առ, ― ասում եմ։ ― Հանաքը՝ հանաք, բայց․․․

― Գիտեմ, ― ասում է նա։ ― Հանաքը՝ հանաք, բայց դե այդպիսի բանի համար կարող ես քաշվել։ Համարիր, որ քեզ երկու ապտակ եմ պարտք։

― Ո՞ւմ երկու ապտակ, ― իրար անցավ Գուտալինը։ ― Ո՞վ է էստեղ․․․

Մենք հազիվ բռնեցինք նրա ձեռքերից ու նստեցրինք տեղը։ Դիկը սիգարետը խցկեց նրա ատամների արանքը ու վառիչը մոտեցրեց։ Մի կերպ հանգստացրինք նրան։ Մինչդեռ ժողովուրդը լցվում էր ու լցվում։ Բոլոր սեղաններն արդեն զբաղված էին, վաճառասեղանին մոտենալ չէր լինի։ Էռնեստը կանչեց իր աղջիկներին, վազվզում են նրանք, մեկին գարեջուր են տանում, մյուսին՝ կոկտեյլ, օղի։

Նայում եմ, վերջերս քաղաքում շատ անծանոթ մարդիկ են հայտնվել, ինչ֊որ կաթնակերներ՝ մինչև գետին հասնող խայտաբղետ վզնոցներով։ Ես այդ մասին ասացի Դիկին։ Դիկը գլխով արեց։

― Բա ոնց, ― ասում է։ ― Մեծ շինարարություն է սկսվում։ Ինստիտուտը երեք նոր շենք է կառուցում, բացի դրանից, Գոտին ուզում են պարսպապատել գերեզմանոցից մինչև հին ռանչոն։ Ստալկերների լավ օրերը վերջանում են․․․

― Իսկ ստալկերը ե՞րբ է լավ օր ունեցել, ― ասում եմ։ Ու ինքս ինձ մտածում եմ․ այ քեզ բա՜ն, միայն դա էր պակաս։ Ուրեմն հիմա էլ փող չես աշխատի։ Ինչ արած, գուցե էդպես ավելի լավ կլինի՝ գայթակղություններն էլ քիչ կլինեն։ Գոտի կգնամ ցերեկը, ոնց որ բոլոր կարգին մարդիկ, դրա փողն, իհարկե, հեչ բան կլինի, բայց վտանգն էլ պակաս կլինի, «Գալոշ», արտահագուստ, հազարումի բան, ու պահակների վրա թքած։ Աշխատավարձով էլ կարելի է ապրել, իսկ խմելը՝ պարգևավճարով։ Ու հանկարծ մի այնպիսի տխրություն համակեց ինձ․․․ Նորից պիտի ամեն մի գրոշը հաշվեմ, սա կարող ես քեզ թույլ տալ, սա՝ չէ, Գուտայի շորերի համար փող հավաքիր, պանդոկ մի՛ գնա, կինո գնա․․․ Ու գորշություն է չորս կողմդ, գորշություն։ Գորշ օր, գորշ ցերեկ, գորշ գիշեր։

Նստել ու մտածում եմ։ Իսկ Դիկը ականջիս տակ դռդռում է․

― Երեկ մտա հյուրանոցի բարը, որ գիշերվա բաժինս գցեմ, տեսնեմ ինչ֊որ մարդիկ են նստած։ Նրանք հենց առաջին հայացքից դուր չեկան ինձ։ Նրանցից մեկը նստում է իմ սեղանի մոտ ու խոսք է բացում, սկսում է հեռվից, հասկացնում է, որ ինձ ճանաչում է, գիտի՝ ով եմ, որտեղ եմ աշխատում, և ակնարկում է, որ ինձ ճանաչում է, որ կարող է լավ վարձատրել իմ ծառայությունների դիմաց․․․

― Լրտես է, ― ասոմ եմ ես։ Դա ինձ շատ չհետաքրքրեց, որովհետև ինչքան ասես լրտես եմ տեսել այստեղ ու նրանց ծառայությունների մասին էլ եմ լսել։

― Չէ, սիրելիս, լրտես չէր։ Լսիր, ինչ եմ ասում։ Ես մի քիչ զրուցեցի նրա հետ, շատ զգույշ էի, ինձ հիմարի տեղ էի դրել։ Նրան հետաքրքրում էին ինչ֊որ առարկաներ․ «զուդան», «սև ցայտերն», ու մյուս նման բաները նրան պետք չէին։ Իսկ այն, ինչ պետք էր, նա միայն ակնարկում էր։

― Ուրեմն ի՞նչ էր նրան պետք, ― հարցնում եմ ես։

― «Վհուկի դոնդողը», ոնց որ ես հասկացա, ― ասում է Դիկը ու մի տեսակ տարօրինակ նայում ինձ։

― Պա՜հ, «վհուկի դոնդող» է ուզում, ― ասում եմ։ ― Իսկ «մահ լապտեր» չի՞ ուզում, հը՞։

― Ես նույն հարցը տվի նրան։

― Հետո՞։

― Պատկերացրու՝ ուզում է։

― Հա՞, ― ասում եմ։ ― Դե թող ինքն էլ ճարի այդ բոլորը։ Դրանից հեշտ բան։ Բոլոր նկուղները լիքն են «վհուկի դոնդողով», վերցրու ինչքան քեֆդ ուզում է։ Թաղումդ էլ քո հաշվին․․․

Դիկը լուռ, խեթ֊խեթ նայում է ինձ ու նույնիսկ չի ժպտում։ Գրողը տանի, հո չի՞ ուզում ինձ վարձել։ Ու հանկարծ ես գլխի ընկա․

― Սպասիր, ― ասում եմ։ ― Դա ո՞վ էր։ Նույնիսկ ինստիտուտում արգելված է «դոնդողը» ուսումնասիրել․․․

― Ճիշտ է, ― առանց շտապելու ասում է Դիկը ու հայացքը չի կտրում ինձանից։ ― Դա մարդկության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող ուսումնասիրություն է։ Հիմա հասկացա՞ր, թե դա ով է։

Ես ոչինչ չեմ հասկանում։

― Հո եկվոր չէ՞ր, ― ասում եմ։

Նա ծիծաղում է, խփում է ձեռքիս ու ասում․

― Ավելի լավ է արի խմենք, միամիտ մարդ։

― Արի, ― ասում եմ ես, բայց ջղայնանում եմ։ Իրենց համար միամիտ մարդ են գտել, շան որդիներ։ ― Հե՜յ, ― ասում եմ, ― Գուտալին։ Հերիք է քնես, արի խմենք։

Չէ, Գուտալինը քնած է։ Սև մռութը դրել է սև սեղանին ու քնել։ Ձեռքերը կախվել, հասել են հատակին։ Ու խմեցինք երկուսով, առանց Գուտալինի։

― Դե լավ, ― ասում եմ։ ― Միամիտ մարդ եմ, թե միամիտ չեմ՝ կարևոր չէ, բայց այդ տիպի մասին իսկույն կհայտնեի ուր որ պետք է։ Ճիշտ է, ոստիկանությանը չեմ սիրում, բայց ինքս էլ կգնայի ու կհայտնեի։

― Ըհը, ― ասում է Դիկը։ ― Իսկ ոստիկանությունում քեզ կհարցնեին․ ինչո՞ւ այդ տիպը հենց քեզ է դիմել։ Հը՞։

Ես տարուբերեցի գլուխս։

― Ոչինչ։ Դու կռտած խոզ ես, երեք տարի է այս քաղաքում ես, իսկ Գոտիում չես եղել, «վհուկի դոնդողը» միայն կինոյում ես տեսել, իսկ եթե տեսնեիր բնական վիճակում ու տեսնեիր, թե ինչ է անում մարդուն․․․ Դա, սիրելիս, սոսկալի բան է, դա չի կարելի Գոտուց բերել։ Դու էլ գիտես, որ ստալկերները կոշտուկոպիտ մարդիկ են, նրանց միայն գործ տուր, բայց նույնիսկ հանգուցյալ Լորձը այդպիսի բան չէր անի։ Ոչ էլ Գիշակեր Բարբրիջը կանի․․․ Ես նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե «վհուկի դոնդողը» ում է պետք և ինչի համար․․․

― Դեհ ինչ, ― ասում է Դիկը, ― այդ բոլորը ճիշտ է։ Միայն թե, հասկացիր, ես չեմ ուզում, որ մի գեղեցիկ օր առավոտյան ինձ անկողնում գտնեն ինքնասպան եղած։ Ես ստալկեր չեմ, բայց դե կոպիտ ու գործնական մարդ եմ։ Ու գիտես, էլի, կյանքը սիրում եմ։ Վաղուց եմ ապրում, սովորել եմ արդեն․․․

Հենց այդ ժամանակ Էռնեստը հանկարծ գոռում է իր տեղից․

― Պարոն Նունա՜ն։ Ձեզ հեռախոսի մոտ են կանչում։

― Գրողը տանի, ― զայրանում է Դիկը։ ― Նորից հաստատ հայցի հաշիվ է։ Որտեղ ասես կգտնեն։ Ներողություն, ― ասում է, ― Ռեդ։

Նա վեր է կենում և գնում դեպի հեռախոսը։ Իսկ ես մնում եմ Գուտալինի ու շշի հետ, և քանի որ Գուտալինից ոչ մի օգուտ չկա, ապա ավելի հիմնավոր եմ զբաղվում շշով։ Գրողը տանի այդ Գոտին, ոչ մի տեղ դրանից պրծում չկա։ Ուր էլ որ գնաս, ում հետ էլ որ խոսես՝ Գոտի, Գոտի, Գոտի․․․ Կիրիլի համար, իհարկե, հեշտ է ասելը, թե Գոտուց սկիզբ կառնի հավերժական խաղաղությունը և բարեբեր եղանակը։ Կիրիլը լավ տղա է, ոչ ոք չի ասի, թե նա հիմար է։ Ընդհակառակը՝ խելոք է։ Բայց ախր նա չգիտի ինչ բան է կյանքը։ Նա չի էլ պատկերացնում, թե ինչքան ու ինչքան սրիկաներ են պտտվում Գոտու շուրջը։ Ահա, հիմա էլ, խնդրեմ, ինչ֊որ մեկին «վհուկի դոնդող» է պետք։ Չէ, թեև Գուտալինը հարբեցող է ու ցնդել է կրոնական հողի վրա, բայց երբեմն մտածում ես, մտածում ու ասում՝ միգուցե իսկապես թողնես սատանայինը սատանային։ Մի բզբզի կեղտը․․․

Մեկ էլ տեսնեմ գույնզգույն վզնոցով մի փսլնքոտ նստում է Դիկի տեղը։

― Պարոն Շուխա՞րտ, ― հարցնում է։

― Հետո՞, ― ասում եմ։

― Իմ անունը Կրեոն է, ― ասում է։ ― Ես Մալթայից եմ։

― Հը, ի՞նչ կա ձեր Մալթայում, ― հարցնում եմ ես։

― Մալթայում ամեն ինչ լավ է, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ինձ Էռնեստն է ձեզ մոտ ուղարկել։

Ա՜յ թե սրիկան է այդ Էռնեստը, մտածում եմ։ Ոչ խիղճ ունի, ոչ ամոթ։ Դիմացս նստածը թուխ, մաքուր, կոկիկ մի սիրուն ջահել է, երևի դեռ ոչ մի անգամ չի սափրվել, ոչ մի աղջկա չի համբուրել, իսկ Էռնեստի հեչ պետքն էլ չէ, միայն թե շատ մարդ քշի Գոտի, երեքից մեկը որ «ապրանքով» հետ գա՝ արդեն օգուտ է․․․

― Հը, ո՞նց է ծերուկ Էռնեստը, ― հարցնում եմ։

Նա շրջվեց վաճառասեղանի կողմն ու ասաց․

― Ոնց որ վատ չի ապրում, կուզեի նրա հետ տեղս փոխել։

― Իսկ ես չէի ուզի, ― ասում եմ։ ― Ուզո՞ւմ ես խմել։

― Շնորհակալություն, ես չեմ խմում։

― Դեհ, ծխի, ― ասում եմ։

― Ներեցեք, բայց ես չեմ ծխում։

― Գրողը տանի քեզ, ― ասում եմ նրան։ ― Բա փողն ի՞նչ ես անում։

Նա կարմրում է, դադարում ժպտալ ու կամացուկ ասում է․

― Երևի դա միայն իմ գործն է, չէ՞, պարոն Շուխարտ։

― Միանգամայն ճիշտ է, ― ասում եմ ու չորս մատ լցնում եմ բաժակս։

Գլուխս արդեն մի քիչ սկսել էր պտտվել, իսկ մարմնիս մեջ հաճելի թուլություն էի զգում՝ Գոտին լրիվ ցնդել էր։ ― Հիմա ես հարբած եմ, ― ասում եմ։ ― Քեֆ եմ անում, ոնց որ տեսնում ես։ Գնացել էի Գոտի, վերադարձել եմ ողջ առողջ ու փողով։ Դա միշտ չի պատահում, որ ողջ առողջ հետ գաս, և շատ հազվադեպ է պատահում, որ փողով հետ գաս։ Այնպես որ լուրջ խոսակցությունը արի հետաձգենք․․․

Այստեղ նա թռավ տեղից, «ներողություն» ասաց, ու ես տեսա, որ Դիկը եկել է։ Կանգնել է իր աթոռի կողքը, ու նրա դեմքից զգում եմ, որ ինչ֊որ բան է պատահել։

― Հը, ― հարցնում եմ, ― էլի՞ քո բալոնները վակուում չեն պահում։

― Հա, ― ասում է, ― էլի․․․

Նստում է, լցնում բաժակը, իմ բաժակն էլ է լցնում, ու ես տեսնում եմ, որ դա բողոքի բան չի։ Բողոքների վրա նա, ինչպես ասում են, թքած ունի․․․

― Արի, ― ասում է, ― խմենք, Ռեդ։ ― Եվ չսպասելով ինձ, միանգամից դատարկում է բաժակն ու նորից է լցնում։ ― Գիտես, ― ասում է, ― Կիրիլ Պանովը մեռել է։

Հարբածությունից ես չհասկացա ինչ է ասում։ Ինչ֊որ մեկը մեռել է, էհ, թող մեռնի։

― Ինչ արած, խմենք, ողորմի նրա հոգուն․․․

Նա չռված աչքերով նայեց ինձ, ու նոր միայն ես զգացի, որ ներսումս ինչ֊որ բան փլվեց։ Հիշում եմ՝ վեր կացա տեղիցս, հենվեցի սեղանին ու վերևից ներքև նայեցի նրան։

― Կիրի՞լը։ ― Իսկ աչքերիս առաջ արծաթավուն ոստյանն է, ու նորից եմ լսում, թե ոնց է ճթճթում, կտրտվում։ Եվ այդ սոսկալի ճթճթոցի միջից Դիկի ձայնը ինձ է հասնում ասես մյուս սենյակից։

― Սրտի պայթյուն։ Բաղնիքում են նրան գտել մերկ։ Ոչ ոք ոչ մի բան չի հասկանում։ Քո մասին էին հարցնում։ Ես ասացի, որ դու լավ ես․․․

― Իսկ այստեղ ի՞նչ կա անհասկանալի, ― ասում եմ, ― Գոտին․․․

― Դու նստիր, ― ասում է Դիկը։ ― Նստիր ու խմիր։

― Գոտին․․․, ― կրկնում եմ ես ու չեմ կարողանում կանգ առնել, ― Գոտին․․․ Գոտին․․․

Շուրջս ոչ մի բան չեմ տեսնում, բացի արծաթավուն ոստայնից։ Ամբողջ պանդոկը խճճվել էր ոստայնի մեջ, մարդիկ շարժվում են, և ոստայնը կամացուկ ճթճթում է մարդկանց կպչելուց։ Իսկ մեջտեղում կանգնել է Մալթացին, նրա դեմքը՝ զարմացած մանկական դեմքը, ոչինչ չի հասկանում։

Ճստիկ, ― քնքշորեն ասում եմ նրան, ― Ինչքա՞ն փող է քեզ պետք։ Հազարը հերի՞ք է։ Առ, վերցրու, ― փողերը խոթում եմ նրա ձեռքն ու արդեն գոռում․ ― Գնա Էռնեստի մոտ ու ասա, որ նա սրիկա է ու տականք, մի՛ վախեցի, ասա՛։ Ախր նա վախկոտի մեկն է։ Ասա ու իսկույն գնա կայարան, տոմս առ ու թռիր քո Մալթան։ Ոչ մի տեղ էլ կանգ մի՛ առ։

Չեմ հիշում, թե էլ ինչ եմ գոռգոռացել։ Հիշում եմ, հայտնվել էի Էռնեստի վաճառասեղանի մոտ․ Էռնեստը թարմացնող հյութով բաժակը դրել էր դեմս ու հարցնում էր․

― Դու այսօր ոնց որ փող ունես, հա՞։

― Համ ― ասում եմ, ― ունեմ․․․

― Միգուցե պարտքդ կտա՞ս։ Վաղը պիտի պարտքերս մուծեմ։

Ու մեկ էլ տեսնում եմ, որ բռունցքիս մեջ կապուկով փող է։ Նայում եմ այդ կանաչ փողերին ու փնչացնում․

― Տես է, ուրեմն, Կրեոն Մալթացին չի վերցրել․․․ Հպարտ է, ուրեմն․․․ Դե, իսկ մնացածը ճակատագիր է։

― Քեզ ի՞նչ պատահեց, ― հարցնում է իմ բարեկամ Էռնին։ ― Հարբե՞լ ես։

― Չէ, ― ասում եմ, ― ես լրիվ նորմալ եմ։ Կուզեմ՝ հենց հիմա բաղնիք կգնամ։

― Լավ կանես տուն գնաս, ― ասում է իմ բարեկամ Էռնին։ ― Խմած ես։

― Կիրիլը մեռել է, ― ասում եմ նրան։

― Ո՞ր Կիրիլը։ Միձեռանի՞ն։

― Միձեռանին դու ես, սրիկա, ― ասում եմ նրան։ ― Քեզ նման հազարից մի Կիրիլ չի ստացվի։ Անամո՛թ, ― ասում եմ։ ― Հոտած չարչի։ Ախր դու մահվան առևտուր ես անում։ Բոլորիս առել ես քո կանաչ թղթերով․․․ Ուզո՞ւմ ես, հենց հիմա տակնուվրա անեմ խանութդ։

Ու ձեռքս բարձրացրի, որ խփեմ, հանկարծ ինձ բռնեցին ու ինչ֊որ տեղ քարշ տվին։ Ես արդեն ոչ մի բան չեմ հասկանում ու չեմ ուզում հասկանալ։ Գոռգոռում եմ, ուզում եմ ձեռքներից դուրս պրծնեմ, ոտքերով հարվածում եմ ինչ֊որ մեկին, հետո ուշքի եմ գալիս հոտած զուգարանում, ամբողջովին թաց եմ, քիթումռութս ջարդված։ Նայում եմ հայելու մեջ ու ինձ չեմ ճանաչում․ Ինչ֊որ բանից դեմքս ջղաձգվում է, առաջ ոչ մի անգամ այդպիսի բան չի պատահել։ Իսկ դահլիճից աղմուկ է լսվում, ինչ֊որ բան է ճրթճրթում, ափսեներ են փշրվում, աղջիկները ճվճվում են, ու լսում եմ՝ Գուտալինը ոռնում է արջի պես՝ «Ապաշխարհե՜ք, պորտաբույծնե՛ր։ Որտե՞ղ է Շեկը։ Սատանի ծնո՜ւնդ, որտե՞ղ եք գցել Շեկոյին․․․»։ Եվ ոստիկանական շչակը սկսում է ոռնալ։

Հենց որ լսեցի այդ ոռնոցը՝ իմ ուղեղում ամեն ինչ ասես պարզվեց։ Ամեն ինչ հիշում եմ, ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ հասկանում եմ։ Եվ սրտումս էլ ոչ մի բան չկա՝ միայն սառցե չարություն։ Լավ, ասում եմ, հիմա տես ինչ օյին կբերեմ գլխիդ։ Ես քեզ ցույց կտամ, թե ստալկերը ով է, հոտած չարչի։ Ժամացույցիս գրպանիկից հանեցի «զուդան», բոլորովին նոր է, չօգտագործված, մի քիչ տրորեցի մատներիս արանքում, որ գործի ընկնի, բաց արի սրահի դուռն ու թաքուն գցեցի թքամանի մեջ, իսկ ինքս պատուհանից դուրս թռա ուղիղ փողոց։ Իհարկե, շատ կուզեի տեսնել, թե ինչ է կատարվելու այնտեղ, բայց հարկավոր էր շուտ չքվել։ Ես վատ եմ տանում «զուդան», քթիցս սկսում է արյուն գալ։

Վազելով դուրս եմ գալիս ու արդեն լսում եմ՝ «զուդան» սկսել է իր գործը․․․ Սկզբում ոռնացին ու հաչացին թաղի շները․ նրանք առաջինն են զգում «զուդան»։ Հետո պանդոկում ինչ֊որ մեկը այնպես ճչաց, որ նույնիսկ այդ հեռավորության վրա ականջներս խլացան։ Ես հենց այդպես էլ պատկերացնում էի, թե ժողովուրդն ինչպես է իրար խառնվել այնտեղ․ մեկը կատաղության մոլուցքով է բռնվելու, մյուսը մելամաղձության մեջ է ընկնելու, երրորդը իրեն վախից կորցնելու է․․․ Սարսափելի բան է «զուդան»։ Հիմա Էռնեստի պանդոկը երկար ժամանակ դատարկ կմնա։ Այդ սրիկան գլխի կընկնի, որ ես եմ պատճառը, բայց թե թքել եմ նրա վրա։ Էլ չկա ստալկեր Ռեդը։ Հերի՛ք է, հերի՛ք է ամեն անգամ գնամ մահին ընդառաջ ու հալա ուրիշ հիմարների էլ այդ գործը սովորեցնեմ։ Դու սխալվեցիր, Կիրիլ, սիրելիս։ Ներիր ինձ, բայց դե պարզվում է, որ դու չես ճիշտ, այլ Գուտալինը։ Մարդիկ այստեղ անելիք չունեն։ Գոտին բարի բան չունի։

Թռա ցանկապատի վրայով ու դանդաղ գնացի տուն։ Շրթունքներս կծում եմ, ուզում եմ լաց լինել՝ չեմ կարողանում։ Առջևում դատարկություն է, ոչինչ չկա։ Ձանձրույթ թախիծ։ Կիրիլ, իմ միակ ընկեր, ի՞նչ պատահեց քեզ։ Հիմա ո՞նց պիտի ապրեմ առանց քեզ։ Ի՞նչ հեռանկարների մասին էիր պատմում ինձ նոր աշխարհի, փոխված աշխարհի մասին․․․ Իսկ հիմա՞։ Ինչ֊որ մեկը լաց կլինի քեզ վրա հեռավոր Ռուսաստանում, իսկ այ ես չեմ կարողանում լաց լինել։ Բայց չե որ այստեղ ես եմ մեղավոր, պորտաբույծս։ Ինչո՞ւ ես, անասունս, համարձակվեցի նրան գարաժ տանել, երբ նրա աչքերը չէին վարժվել խավարին։ Ամբողջ կյանքում գայլի պես եմ ապրել, միայն իմ մասին եմ մտածել․․․ Ու հանկարծ որոշեցի լավություն անել, նվե՜ր մատուցել։ Ինչո՞ւ նրան ասացի այդ «փուչիկի» մասին։ Ու հենց որ հիշեցի այդ օրը, սկսեցի խեղդվել, քիչ էր մնում իսկապես գայլի նման ոռնայի։ Եվ երևի ոռնում էի, որովհետև մարդիկ զարմացած ինձ էին նայում, իսկ հետո հանկարծ թեթևացա․ դիմացիցս Գուտան էր գալիս։

Նա գալիս է իմ կողմը, գալիս է իմ գեղեցկուհին, իմ լավ աղջիկը, գալիս է իր սլացիկ ոտքերով, շրջազգեստը ծածանվում է ծնկների վերևում, բոլոր դարպասների հետևից նրան են նայում, իսկ նա քայլում է ոնց որ լարի վրայով, ոչ ոքի չի նայում, ու չգիտես ինչու ես իսկույն հասկացա, որ նա ինձ է փնտրում։

― Բարև, ― ասում եմ, ― Գուտա։ Ո՞ւր ես գնում։

Նա մի հայացք է գցում վրաս, իսկույն ամեն ինչ տեսնում է՝ և՛ ջարդված դունչս, և թաց բաճկոնս, և՛ քերծված բռունցքներս, բայց այդ մասին ոչ մի բան չի հարցնում, այլ միայն ասում է․

― Բարև, Ռեդ։ Ես էլ հենց քեզ էի փնտրում։

― Գիտեմ, ― ասում եմ։ ― Գնանք։

Նա չի պատասխանում, լուռ շրջվում է ու մի կողմ նայում։ Օ՛հ, ի՜նչ գեղեցիկ է գլուխը, վիզը ոնց որ ջահել, հպարտ, բայց արդեն իր տիրոջը հնազանդ զամբիկի պարանոց լինի։ Հետո ասում է․

― Չգիտեմ, Ռեդ։ Գուցե դու էլ չուզենաս ինձ հետ հանդիպել։

Սիրտս միանգամից ճմլվեց՝ է՞լ ինչ կուզեի․․․ Բայց հանգիստ ասում եմ․

― Ոնց որ քեզ չեմ հասկանում, Գուտա։ Դու ինձ ներիր, ես այսօր մի քիչ խմել եմ ու երևի լավ չեմ հասկանում․․․ Այդ ինչո՞ւ հանկարծ պիտի չուզենամ քեզ հետ հանդիպել։

Թևանցուկ եմ անում նրան, դանդաղ քայլում ենք դեպի իմ տունը, ու բոլորը, ովքեր քիչ առաջ աչքները չէին կտրում նրանից, շտապում են մռութները թաքցնել։ Ես ամբողջ կյանքումս ապրել եմ այս փողոցում։ Շեկ Ռեդին բոլորը լավ են ճանաչում այստեղ։ Իսկ ով չգիտի՝ ես նրան իսկույն ճանաչել կտամ, և Գուտան դա զգում է։

― Մայրս ստիպում է, որ աբորտ անեմ, ― հանկարծ ասում է Գուտան։ ― Իսկ ես չեմ ուզում։

Ես մի քանի քայլ էլ արեցի, մինչև որ հասկացա նրա ասածը, իսկ Գուտան շարունակում է․

― Ես ուզում եմ երեխա ունենալ քեզանից։ Իսկ դու՝ ոնց կուզես։ Ես քեզ չեմ բռնում, ուր կուզես գնա։

Լսում եմ նրան, թե ոնց է կամաց֊կամաց տաքանում, ինքն իրեն բորբոքում, լսում եմ ու շշմում։ Ոչ մի բան գլուխս չի մտնում։ Միայն մի հիմարություն է ուղեղիս մեջ պտտվում՝ մի մարդ պակաս, մի մարդ ավել։

― Նա ինձ ասում է, ― շարունակում է Գուտան, ― որ ստալկերի երեխան, իբր, այլանդակ կծնվի․․․ Ասում է, որ դու խարդախի մեկն ես, ու մենք ոչ տուն կունենանք, ոչ տեղ։ Այսօր դու դրսում ես, վաղը՝ բանտում։ Բայց թե ինձ համար մեկ է, ես պատրաստ եմ ամեն ինչի։ Ես ինքս կարող եմ երեխա պահել։ Ինքս կծնեմ, ինքս կմեծացնեմ, մարդ կդարձնեմ։ Առանց քեզ էլ կապրեմ։ Միայն դու էլ չգաս ինձ մոտ, շեմին էլ չեմ թողնի մոտենաս։

― Գուտա, ― ասում եմ, ― աղջիկս։ Սպասիր․․․ ― Իսկ ինքս չեմ կարողանում, մի ապուշային, ջղային ծիծաղ է բռնել ինձ։ ― Իմ թռչնակ, ― ասում եմ, ― ո՞ւր ես ինձ քշում։

Ես հիմարի պես հռհռում եմ, իսկ նա կանգնել է, գլուխը դրել է կրծքիս ու հեծկլտում է։

― Հիմա ի՞նչ պիտի անենք, Ռեդ, ― ասում է նա հեկեկալով։ ― Ի՞նչ պիտի անենք։

2. Ռեդրիկ Շուխարտ։ 28 տարեկան, ամուսնացած, որոշակի զբաղմունք չունի։

Ռեդրիկ Շուխարտը պառկել էր գերեզմանաքարի հետևում և, ձեռքով մի կողմ քաշելով արոսենու ճյուղը, նայում էր ճանապարհին։ Պարեկային մեքենայի լուսարձակները ոստոստում էին գերեզմանոցով մեկ ու ընկնում նրա աչքերի մեջ, և նա կկոցում էր աչքերն ու շունչը պահում։

Արդեն երկու ժամ էր անցել, բայց ճանապարհին ամեն ինչ նույն էր։ Մեքենան, դխկդխկացնելով պարապ աշխատող շարժիչը, կանգնած էր տեղում և իր երեք լուսարձակները գցում էր ու գցում լքած գերեզմանների, թեքված, ժանգոտված խաչերի ու շիրմաքարերի վրա, այս ու այնտեղ անփույթ աճած արոսենիների ու երեք մետրանոց պատի վրա, որ կիսաքանդ մնում էր ձախ կողմում։ Պարեկները վախենում էին գոտուց։ Նրանք նույնիսկ դուրս չէին գալիս մեքենայից։ Այստեղ, գերեզմանոցի մոտ, նրանք նույնիսկ վախենում էին կրակել։ Երբեմն Ռեդրիկին էին հասնում նրանց խուլ ձայները, երբեմն էլ նա տեսնում էր, ինչպես մեքենայից դուրս թռչող սիգարետի մնացորդի կրակը գլորվում էր խճուղով, ցատկոտելով ու ցրելով իր մարմրող կարմրավուն կայծերը։ Շատ խոնավ էր անցյալ օրվա անձրևից հետո և նույնիսկ իր անջրանցիկ կոմբինեզոնի մեջ Ռեդրիկը խոնավություն էր զգում։

Նա զգուշությամբ բաց թողեց ճյուղը, գլուխը շրջեց ու ականջ դրեց։

Ինչ֊որ տեղ աջ կողմում, ոչ շատ հեռու, բայց ոչ էլ մոտիկ, գերեզմանոցում էլի ինչ֊որ մեկը կար։ Այնտեղ նորից խշխշացին տերևները, ու կարծես, հող թափվեց, իսկ հետո խուլ թրմփոցով ծանր ու պինդ ինչ֊որ բան ընկավ։ Զգուշորեն, առանց շրջվելու, թաց խոտերին սեղմվելով Ռեդրիկը հետ֊հետ սողաց։ Նորից գլխավերևում սահեց լուսարձակի ճառագայթը։ Ռեդրիկը քարացավ տեղում, հետևելով լույսի անշշուկ շարժմանը, ու նրան թվաց, որ խաչերի արանքում, գերեզմանի վրա անշարժ նստած է սև հագած մի մարդ։ Նստել է առանց թաքնվելու, մեջքով հենվել է մարմարե կոթողին, ու աչքերի սև փոսերով գունատ դեմքը շրջել է Ռեդրիկի կողմը։ Ւրականում Ռեդրիկը չէր տեսել և վայրկյանի ինչ֊որ մի ակնթարթում չէր կարող տեսնել այս բոլոր մանրամասները, բայց նա այդ ամենը պատկերացրեց։ Նա մի քանի քայլ էլ սողաց, ծոցում շոշափեց տափաշիշը, հանեց ու որոշ ժամանակ պառկած մնաց, տաք մետաղը այտին սեղմած։ Հետո տափաշիշը ձեռքում պահած շարունակեց սողալ։ Նա այլևս չէր նայում շուրջը։

Պարսպի մեջ ճեղք կար, ու հենց այդ ճեղքի մոտ գետնին փռված, արճիճներից ծակծկված անձրևանոցի վրա պառկած էր Բարբրիջը։ Նա առաջվա նման պառկած էր մեջքի վրա, երկու ձեռքով հետ ձգած սվիտերի օձիքը, և կամացուկ, ցավագին տնքում էր ու հառաչում։ Ռեդրիկը նստեց նրա կողքը ու հանեց տափաշշի կափարիչը։ Հետո զգուշորեն բարձրացրեց Բարբրիջի գլուխը, ամբողջ ափով զգալով քրտինքից լպրծուն դարձած տաք ճակատը, և տափաշիշը մոտեցրեց ծերուկի շուրթերին։ Մութ էր, սակայն լուսարձակների աղոտ շողերի տակ Ռեդրիկը տեսնում էր Բարբրիջի լայն բացված ու ասես սառած աչքերը, մազակալած դեմքը։ Բարբրիջը ագահորեն մի քանի կում արեց, հետո անհանգիստ շարժվեց տեղում ու ձեռքով շոշափեց «ապրանքով» պարկը։

― Եկար․․․ ― ասաց նա։ ― Դու լավ մարդ ես․․․ Շեկ․․․ Ծերուկիս մենակ չես թողնի, որ մեռնեմ․․․

Ռեդրիկը, գլուխը հետ գցելով, մի լավ կում արեց․

― Կագնած է դոդոշը, ― ասաց նա։ ― Ոնց որ տեղում մեխված լինի։

― Դա․․․ հենց էնպես չի․․․ ― շշուկով ասաց Բարբրիջը։ Նա խոսում էր կցկտուր ձայնով, շնչահեղձ լինելով։ ― Ինչ֊որ մեկը մատնել է։ Սպասում են։

― Երևի, ― ասաց Ռեդրիկը։ ― Էլի կխմե՞ս։

― Չէ, հերիք է։ Դու ինձ չթողնես գնաս։ Որ չթողնես՝ չեմ մեռնի։ Ու հետո չես ափսոսա։ Ինձ չես թողնի, չէ՞, Շեկ։

Ռեդրիկը չպատասխանեց։ Նա նայում էր խճուղու կողմը, լուսարձակի կապտավուն ցոլքերին։ Մարմարե կոթողը երևում էր այստեղից, բայց պարզ չէր՝ նստա՞ծ էր նա այնտեղ, թե չքվել էր։

― Լսիր, Շեկ։ Ես հենց էնպես չեմ խոսում։ Դու չես փոշմանի։ Գիտե՞ս, ինչու է ծերուկ Բարբրիջը մինչև հիմա ապրում։ Գիտե՞ս։ Բոբ Գորիլլան մեռավ։ Փարավոն Բանկերը զոհվեց, հետքն էլ չմնաց։ Եվ ի՜նչ ստալկեր էր։ Բայց թե զոհվեց։ Լորձն էլ։ Ակնոցավոր Նորմանն էլ։ Կալոզենն էլ։ Թարախոտ Պինտն էլ։ Բոլորը։ Մենակ ես եմ մնացել։ Ինչո՞ւ։

― Դու միշտ սրիկա ես եղել, ― ասաց Ռեդրիկը, հայացքը չկտրելով խճուղուց։ ― Գիշակե՛ր։

― Սրիկա եմ։ Ճիշտ է։ Առանց դրա չի լինի։ Բայց թե բոլորն են սրիկա։ Փարավորնը։ Լորձը։ Բայց մնացել եմ միայն ես։ Գիտե՞ս ինչու։

― Գիտեմ, ― ասաց Ռեդրիկը, որ նրա ձայնը կտրի։

― Ստում ես։ Չգիտես։ Լսած կա՞ս Ոսկե գնդի մասին։

― Լսել եմ։

― Կարծում ես հեքիա՞թ է։

― Լավ կանես՝ չխոսես։ Ուժերդ խնայի։

― Ոչինչ։ Դու ինձ կհանես այստեղից։ Մենք իրար հետ շատ ենք եղել։ Հո ինձ չես թողնի։ Ես քեզ գիտեմ դեռ փոքր հասակից։ Հորդ էլ գիտեի։

Ռեդրիկը լուռ էր։ Շատ էր ուզում ծխել, և նա ծխախոտը փշրեց ափի մեջ ու հոտ քաշեց։ Չօգնեց։

― Դու ինձ պիտի այստեղից հանես, ― նորից խոսեց Բարբրիջը։ ― Ես քո պատճառով քաշվեցի։ Դու Մալթացուն չվերցրիր։

Մալթացին շատ էր ուզում նրանց հետ գնալ։ Ամբողջ երեկո հյուրասիրում էր, անընդհատ համոզում, երդվում էր, որ արտահագուստ կճարի, ու Մալթացու կողքը նստած Բարբրիջը, կնճռապատ ծանր ձեռքով դեմքը փակելով, կատաղորեն աչքով էր անում Ռեդրիկին, իբր, համաձայնվի, չենք տուժի։ Ու երևի հենց այդ պատճառով էլ Ռեդրիկն այն ժամանակ ասաց՝ «ո՛չ»։

― Դու քո ագահության պատճառով քաշվեցիր, ― սառը ասաց Ռեդրիկը։ ― Ես ոչ մի մեղք չունեմ։ Ավելի լավ է չխոսես։

Մի որոշ ժամանակ Բարբրիջը միայն տնքում էր։ Նա նորից մատները մտցրեց օձիքի տակ ու գլուխն ավելի հետ գցեց։

― Թող ամբողջ ապրանքը քոնը լինի, ― փնչացրեց նա, ― մենակ թե ինձ այստեղ չթողնես։

Ռեդրիկը նայեց ժամացույցին։ Շատ քիչ էր մնացել մինչև լուսաբաց, իսկ պարեկային մեքենան տեղից չէր շարժվում։ Նրա լուսարձակները շարունակում էին լուսավորել թփերը, և այնտեղ, պարեկային մեքենայից ոչ հեռու, կանգնած էր քողարկված «լենդրովերը», ու ամեն րոպե այն կարող էին հայտնաբերել։

― Ոսկե գունդը, ― ասաց Բարբրիջը, ― ես եմ գտել։ Հետո ինչքա՜ն ստեր սկսեցին դրա մասին փչել։ Ես էլ էի փչում։ Իբր, ինչ ուզես կատարում է։ Եթե այդպես լիներ, ես հիմա ի՜նչ գործ ունեի այստեղ։ Կապրեի Եվրոպայում։ Փողի մեջ լող կտայի։

Ռեդրիկը վերից վար նայեց նրան։ Կապտավուն լուսնի վետվետուն ցոլքերի մեջ Բարբրիջի դեմքն ասես անկենդան լիներ։ Բայց նրա ապակե աչքերը խոռոչներից ասես դուրս էին պրծել և սևեռուն նայում էին Ռեդրիկին։

― Հավերժական ջահելությո՜ւն, ոնց չէ, ― փնթփնթաց նա։ ― Փո՛ղ, ոնց չէ։ Իսկ այ առողջություն՝ ունեմ։ Երեխաներս էլ լավն են։ Ու ես ապրում եմ։ ― Նա լպստեց շրթունքները։ ― Ես նրանից միայն դա եմ խնդրում։ Կյանք տուր ինձ։ Ու առողջություն։ Ու որ երեխաներս էլ առողջ լինեն։

― Դե սսկվի, ― վերջապես խոսեց Ռեդրիկը։ ― Ի՞նչ ես կնկա պես ձենդ գցել գլուխդ։ Որ կարողանամ կտանեմ։ Քո Դինային եմ խղճում, փողոց կընկնի․․․

― Դինա․․․ ― խռխռացրեց Բարբրիջը։ ― Աղջիկս։ Գեղեցկուհիս։ Ես նրանց երես եմ տվել, Շեկ։ Ոչ մի բանից չեմ զրկել։ Կկորչեն զավակներս։ Արթուրս։ Արչին։ Դու հո նրանց գիտես, Շեկ։ Դու տեսած կա՞ս նման երեխեք․․․

― Ասացի, չէ՞, որ կարողանամ կտանեմ։

― Չէ, ― համառորեն ասաց Բարբրիջը։ ― Դու անպայման ինձ պիտի տանես այստեղից։ Ոսկե գունդը․․․ Կուզե՞ս քեզ տեղն ասեմ։

― Ասա։

Բարբրիջը հառաչեց ու շարժվեց տեղում։

― Ոտքերս․․․ ― տնքաց նա։ ― Հապա շոշափիր, ո՞նց են․․․

Ռեդրիկը ձեռքը մեկնեց ու շոշափեց նրա ոտքերը, ծնկից ներքև․․․

― Ոսկորներս, ― խռպոտ ձայնով ասաց Բարբրիջը։ ― Ոսկորներս մնացե՞լ են։

― Մնացել են, մնացել են, ― խաբեց Ռեդրիկը։ ― Հանգիստ մնա։

Իրականում նա շոշափեց միայն ծունկը, իսկ մինչև թաթը ոնց որ ռետին՝ կարելի էր ձգել ու կապել։

― Ախր խաբում ես, ― ասաց Բարբրիջը։ Ինչո՞ւ ես խաբում, ինչ է, ես չգիտե՞մ։ Հեչ տեսած չկա՞մ։

― Ծնկներդ կան։

― Հաստատ խաբում ես, ― տխուր ասաց Բարբրիջը։ ― Դե լավ։ Մենակ թե դու ինձ էստեղից դուրս հանի։ Ամեն ինչ կտամ։ Ոսկե գունդը․․․ Քարտեզ կգծեմ։ Բոլոր թաքստոցնրրը կնշեմ։ Ամեն ինչ կպատմեմ։

Նա խոսում էր ու էլի ինչ֊որ բաներ խոստանում, բայց Ռեդրիկն էլ չէր լսում նրան։ Խճուղու կողմն էր նայում։ Լուսարձակներն արդեն ճառագայթներ չէին նետում թփերի վրա, նրանք, ասես խաչաձևված, մեխվել էին մարմարե կոթողի վրա, և վառ կապույտ մշուշում Ռեդրիկը պարզ տեսավ կռացած սև մի կերպարանք, որը քայլում էր խաչերի միջով։ Նա ասես առաջ էր գնում կուրորեն, ուղիղ լուսարձակի կողմը։ Ռեդրիկը տեսավ, ինչպես նա կպավ մի հսկայական խաչի, հետ քաշվեց, նորից դիպավ խաչին և միայն դրանից հետո շրջանցեց այն ու քայլեց, առաջ մեկնելով չռված մատներով երկար ձեռքերը։ Հետո կերպարանքը հանկարծ անհետացավ, ասես գետնի տակն անցավ, մի քանի վայրկյան հետո դարձյալ հայտնվեց՝ ավելի աջ ու հեռու, և շարունակեց քայլել մի տեսակ անմարդկային համառությամբ, ոնց որ լարած մեքենա։

Ու հանկարծ լուսարձակները հանգան։ Կրճտաց կցորդիչը, ամեհի ոռնաց շարժիչը, թփերի մեջ առկայծեցին կարմիր ու կապույտ ազդանշանային կրակները, և պարեկային մեքենան, տեղից պոկվելով, կատաղի արագությամբ սլացավ քաղաքի կողմն ու անհետացավ պատի հետևում։ Ռեդրիկը ջղաձգորեն թուքը կուլ տվեց և արձակեց կոմբինեզոնի «կայծակ» ճարմանդը։

― Ոնց որ գնացին, ― տենդորեն շշնջաց Բարբրիջը։ ― Շեկ, շուտ արա։ Շուտ։ ― Նա անհանգիստ շարժվեց տեղում, ձեռքերով ափլփեց կողքերը, գտավ ու վերցրեց «ապրանքով» պարկը և փորձեց վեր կենալ։ ― Դեհ, գնանք, ի՞նչ ես նստել։

Ռեդրիկը դեռ նայում էր խճուղու կողմը։ Հիմա այնտեղ մութ էր, ոչ մի բան չէր երևում, բայց այնտեղ էր նա, քայլում էր լարովի տիկնիկի պես, դիպչելով խաչերին, հետ֊հետ գնալով, ընկնելով, մոլորվելով թփերի մեջ։

― Լավ, ― բարձր ասաց Ռեդրիկը։ ― Գնանք։

Նա գետնից բարձրացրեց Բարբրիջին։ Ծերուկը աքցանի պես ձախ ձեռքով գրկեց նրա վիզը, և Ռեդրիկը անկարող լինելով ուղղվել, չորեքթաթ նրան քարշ տվեց պատի ճեղքի միջով, բռնելով թաց խոտերից։

― Շո՛ւտ, շու՛տ, ― Խռխռաց Բարբրիջը։ ― Մի՛ անհանգստացիր, «ապարանքը» ձեռքումս է, ցած չեմ գցի․․․ Շուտ արա․․․

Արահետը ծանոթ էր, բայց թաց խոտը լպրծուն էր, արոսենու ճյուղերը մտրակում էին դեմքը, հաղթանդամ ծերուկը անասելի ծանր էր, ոնց որ մեռել, իսկ «ապրանքով» պարկն էլ անընդհատ թխկթխկում էր ու զնգզնգում, կպչում էր ինչ֊որ ճյուղերից, և սարսափելի բան կլիներ, եթե հանկարծ դեմ առնեին նրան, որը երևի դեռ մոլոր քայլում էր մթին խավարում։

Երբ նրանք դուրս եկան խճուղի, դեռ մութ էր, բայց զգացվում էր, որ շուտով լույսը կբացվի։ Խճուղու մյուս կողմի անտառում քնատ ու անվստահ աղմկեցին թռչունները, իսկ հեռավոր արվարձանի սև տների և հատուկենտ դեղին լապտերների վերևում գիշերվա խավարն արդեն գունատվում էր, և այնտեղից փչեց տաք ու խոնավ քամի։

Ռեդրիկը Բարբրիջին դրեց ճանապարհի եզրին, շուրջը նայեց և սև, մեծ սարդի նման վազելով կտրեց անցավ փողոցի մյուս կողմը։ Նա իսկույն գտավ իր «լենդրովերը», վրայից թափեց քողարկող ճյուղերը, նստեց ղեկի մոտ և զգուշորեն, լույսերը չվառելով, դուրս եկավ ասֆալտի վրա։ Բարբրիջը նստել էր պարկը գրկած ու ոտքերն եր շոշափում։

― Արագ, ― խռպոտ ասաց նա։ ― Շուտ արա։ Ծնկներս դեռ կան։ Գոնե ծնկներս փրկեմ․․․

Ռեդրիկը գրկեց նրան ու լարվածությունից կրճտացնելով ատամները, մտցրեց մեքենայի մեջ։ Բարբրիջը թրմփոցով ընկավ հետևի նստատեղի վրա ու տնքաց։ Բայց պարկը չգցեց ձեռքից։ Ռեդրիկը գետնից բարձրացրեց գնդակներից ծակծկված անձրևանոցը ու գցեց նրա վրա։ Բարբրիջը հաջողացրել էր անձրևանոցն էլ վերցնել։

Ռեդրիկը հանեց լապտերիկն ու սկսեց հետ ու առաջ քայլել ճանապարհի եզրով, զննելով հետքերը։ Հետքեր համարյա չկային։ Դուրս գալով խճուղի, «լենդրովերը» տրորեց խիտ խոտը, բայց մի քանի ժամ հետո այդ խոտը նորից կուղղվեր։ Պարեկային մեքենայի կանգնած տեղի չորս կողմը վիթխարի քանակությամբ ծխախոտի մնացորդներ էին թափված։ Ռեդրիկը հիշեց, որ վաղուց արդեն ծխել է ուզում, հանեց սիգարետն ու սկսեց ծխել, չնայած հիմա ամենից շատ ուզում էր նստել մեքենա և որքան հնարավոր է շուտ հեռանալ, հեռանա՛լ, հեռանա՛լ այստեղից։ Բայց առայժմ դեռ չի կարելի տեղից շարժվել։ Ամեն ինչ պետք է անել առանց շտապելու և կշռադատված։

― Հը, ի՞նչ ես անում, ― լալկան ձայնով մեքենայի միջից խոսեց Բարբրիջը։ ― Ջուրը չես թափել, ուռկանը չոր է․․․ Պահիր «ապրանքը»։

― Սսկվի, ― ասաց Ռեդրիկը։ ― Մի խանգարի։ ― Նա ծուխը ներս քաշեց։ ― Կթեքվենք հարավային արվարձանի կողմը։

― Ո՞նց թե արվարձանի։ Ի՞նչ ես ասում։ Ուզում ես ծնկներիցս զրկվե՞մ։ Անամո՛թ։

Ռեդրիկը մի անգամ էլ ծուխը ներս քաշեց ու ծխախոտի մնացորդը մտցրեց լուցկու տուփի մեջ։

― Մի՛ ճվճվա, Գիշակեր, ― ասաց նա։ ― Քաղաքի միջով չի կարելի, երեք տեղ պահակություն կա, մեկնումեկը մեզ կկանգնեցնի։

― Հետո ի՞նչ։

― Կնայեն քո կճղակներն ու վերջ։

― Իսկ ի՞նչ է եղել որ․․․ Ձուկ էինք բռնում, ոտքերս վնասվեցին։ Ինչ պիտի ասեն։

― Բա որ մեկնումեկը ուզենա ձե՞ռք տալ։

― Էնպես կգոռամ, որ կմոռանա ուզածը։

Բայց Ռեդրիկն ամեն ինչ որոշել էր։ Նա բարձրացրեց վարորդի նստատեղը և, լուսավորելով լապտերով, բացեց գաղտնի կափարիչը։

― Պարկը տուր ինձ։

Նստատեղի տակի բենզինի բակը լավ թաքստոց էր։ Ռեդրիկը վերցրեց պարկն ու մտցրեց այնտեղ, լսելով ոնց է պարկի մեջ եղածը զնգզնգում ու գլորվում։

― Ես իրավունք չունեմ ռիսկի դիմելու։

Նա կափարիչը տեղը դրեց, վրայից փալասներ լցրեց ու նստատեղը իջեցրեց։ Բարբրիջը տնքտնքաց, հառաչեց, աղերսալից խնդրեց շտապել, նորից խոստացավ Ոսկե գունդը, իսկ ինքն անընդհատ շուռումուռ էր գալիս տեղում, վախեցած նայելով դժգունող խավարին։ Ռեդրիկը ուշադրություն չէր դարձնում նրա վրա։ Նա պատռեց ջրով ու ձկներով լցված պլաստիկատե պարկը, ջուրը թափեց ուռկանների վրա, որ դրված էին թափքում, իսկ թպրտացող ձկներին լցրեց բրեզենտե պարկի մեջ։ Պլաստիկատե տոպրակը ծալեց և դրեց կոմբինեզոնի գրպանը։ Հիմա ամեն ինչ կարգին է՝ ձկնորսները վերադառնում են ձուկ որսալուց։ Նա ձեռքն առավ ղեկը, և մեքենան շարժվեց տեղից։

Մինչև ճանապարհի վոլորանը լույսերը չվառեց։ Ձախից ձգվում էր երեքմետրանոց հսկա պատը, որը շրջափակում էր Գոտին, աջ կողմից թփեր էին, նոսր պուրակներ, երբեմն երևում էին մեխված պատուհաններով ու ծեփաթափ պատերով լքված քոթեջներ։ Ռեդրիկը լավ էր տեսնում մթության մեջ, և մութն էլ արդեն այնքան թանձր չէր․ բացի դրանից նա գիտեր, թե հիմա ինչ է լինելու, այդ իսկ պատճառով էլ երբ առջևում երևաց հանգիստ քայլող կռացած կերպարանքը, նա նույնիսկ չդանդաղեցրեց մեքենայի ընթացքը։ Այլ միայն ավելի կպավ ղեկին։ Նա քայլում էր խճուղու մեջտեղով, ինչպես քայլում են բոլոր նրանք։ Նա քաղաք էր գնում։ Ռեդրիկը նրանից առաջ անցավ, մեքենան քշելով ճանապարհի ձախ կողմով և է՛լ ավելի ուժգին սեղմեց աքսելերատորը։

― Աստված իմ։ Տեսա՞ր, Շեկ։

― Տեսա, ― ասաց Ռեդրիկը։

Ոլորանը պիտի որ արդեն մոտ լիներ։ Ռեդրիկը դանդաղեցրեց ընթացքը, նայելով իրար վրա թեքված հյուղակների ու ցանկապատերի շարքին, որ ձգվում էր աջ կողմից։ Հին տրանսֆորմատորի խցիկը․․․ Հենակներով պահվող սյունը․․․ Առվի վրայով ձգվող փտած կամուրջը․․․ Ռեդրիկը թեքեց ղեկը։ Մեքենան մի կողմ թռավ։

― Այդ ո՞ւր, ― խելագարի նման գոռաց Բարբրիջը։ ― Ոտքերիս սևը կտաս, սրիկա՛։

Ռեդրիկը մի ակնթարթ շրջվեց և թափով ապտակեց ծերուկին, ձեռքի վրա զգալով նրա ծակծկուն, չսափրված դեմքը։ Բարբրիջը իսկույն սսկվեց։ Մեքենան ցնցվում էր, անիվներն անընդհատ խրվում էին գիշերվա անձրևից թաց հողի մեջ։ Ռեդրիկը միացրեց լույսերը։ Սպիտակ թռթռան լույսը լուսավորեց խոտով ծածկված հին արահետները, մեծ ջրափոսերը, փտած ցանկապատները։ Բարբրիջը լաց էր լինում, հեծկլտալով ու փնչացնելով։ Նա այլևս ոչ մի բան չէր խոստանում, նա բողոքում էր և սպառնում, բայց ո՛չ շատ բարձր, այնպես որ Ռեդրիկը միայն առանձին բաներ էր լսում ոտքերի մասին, ծնկների մասին, Արչիի մասին․․․ Հետո նա լռեց։

Արվարձանը ձգվում էր քաղաքի արևմտյան ծայրամասի երկայնքով։

Մի ժամանակ այստեղ ամառանոցներ էին, բանջարանոցներ, այգիներ, քաղաքի ղեկավարների ու գործարանային վարչության ամառային նստավայրերը։ Կանաչ ու հաճելի վայրեր, մաքուր, ավազոտ ափերով փոքրիկ լճեր, կեչու պուրակներ, ջրավազաններ, որտեղ ծածան էին բազմացնում։ Այստեղ երբեք չէին հասնում գործարանների գարշահոտությունն ու թունավոր ծուխը, ինչպես որ, ի դեպ, չէր հասնում նաև քաղաքի կոյուղին։ Հիմա այս ամենը լքված էր և մոռացված, ու ամբողջ ճանապարհին նրանք ընդամենը մեկ բնակելի տուն տեսան․ դեղին լույսը երևում էր վարագույրով ծածկված պատուհանից, պարանից կախված էր անձրևից ավելի թրջված լվացքը։ Տան հետևից դուրս թռավ մի վիթխարի գամփռ ու, կատաղությունից խեղդվելով, սլացավ մեքենայի հետևից՝ անիվների տակից դուրս պրծնող ցեխի մեջ կորած։

Ռեդրիկը զգուշությամբ անցավ ևս մեկ խարխուլ կամրջով ու, երբ առջևում երևաց Արևմտյան խճուղու կողմը թեքվող խաչմերուկը, մեքենան կանգնեցրեց և անջատեց շարժիչը։ Հետո նա դուրս եկավ ճանապարհի վրա ու, չնայելով Բարբրիջին, առաջ գնաց, սառած ձեռքերը մտցնելով կոմբինեզոնի խոնավ գրպանները։ Չորս կողմը ամեն ինչ թաց էր, լուռ ու քնած։ Արդեն համարյա լուսացել էր։ Նա հասավ խճուղուն ու զգուշորեն գլուխը դուրս հանեց թփերի միջից։ Այստեղից լավ երևում էր ոստիկանական պահակակետը, որը երեք լուսավոր պատուհաններով փոքրիկ անսովոր տնակ էր։ Պարեկային մեքենան կանգնած էր ճանապարհի եզրին ու նրա մեջ ոչ ոք չկար։ Ռեդրիկը որոշ ժամանակ կանգնել ու նայում էր։ Պահակակետում ոչ մի շարժում չէր զգացվում, երևի պահակները մրսել էին, հոգնել էին գիշերը ու հիմա տաքանում էին տնակում՝ ննջում էին սիգարետները բերաններում։

«Դոդոշներ», ― կամաց ասաց Ռեդրիկը։ Նա գրպանում շոշափեց կաստետը, մատները մտցրեց ձվաձև անցքերի մեջ, սառը մետաղը սեղմեց բռունցքի մեջ և, ցրտից կծկվելով ու ձեռքերը գրպանից չհանելով, հետ գնաց։ Մի քիչ կողքի թեքված «լենդրովերը» կանգնած էր թփերի մեջ։ Դա շատ խուլ տեղ էր, լքված ու մոռացված, հավանաբար, տասը տարի այստեղ ոչ ոք չի եկել։

Երբ Ռեդրիկը մոտեցավ մեքենային, Բարբրիջը մի քիչ բարձրացավ ու, բերանը բաց անելով, նայեց նրան։ Հիմա նա սովորականից ավելի մեծ էր երևում՝, կնճռոտ, ճաղատ, կեղտոտ մազակալած դեմքով, փտած ատամներով։ Նրանք լուռ նայեցին իրար, ու հանկարծ Բարբրիջը կմկմաց․

― Քարտեզը կտամ․․․ բոլոր թաքստոցները․․․ Դու կգտնես, չես փոշմանի։

Ռեդրիկը նրան լսում էր առանց շարժվելու, հետո մատները իրարից հեռացրեց, գրպանի մեջ բաց թողնելով կաստետը, ու ասաց․

― Լավ։ Դու պիտի ուշագնաց պառկած մնաս, հասկացա՞ր։ Տնքա ու մի թող քեզ դիպչեն։

Նա նստեց ղեկի մոտ, միացրեց շարժիչը, ու մեքենան պոկվեց տեղից։

Ամեն ինչ լավ անցավ։ Ոչ ոք դուրս չեկավ տնակից, երբ «լենդրովերը» տեղը տեղին, բոլոր ազդանշանները պահպանելով, դանդաղ անցավ նրա մոտով, իսկ հետո, ավելի ու ավելի մեծացնելով արագությունը, սլացավ դեպի քաղաք՝ հարավային ծայրամասի կողմից։ Առավոտյան ժամը վեցն էր, փողոցներն ամայի էին, ասֆալտը թաց էր ու սև, ավտոմատ լուսացույցները միայնակ ու անտեղի թարթում էին խաչմերուկներում։ Նրանք անցան բարձր ու վառ լուսավորված պատուհաններով փռի մոտով, և Ռեդրիկը պարուրվեց տաք ու համեղ բուրմունքով։

― Լափել եմ ուզում, ― ասաց Ռեդրիկը և, թուլացնելով լարվածությունից թմրած մկանները, ձգվեց, ձեռքերով հենվելով ղեկին։

― Ի՞նչ, ― վախեցած հարցրեց Բարբրիջը։

― Ասում եմ՝ լափել եմ ուզում․․․ Քեզ ո՞ւր տանեմ։ Տո՞ւն, թե ուղիղ Մսագործի մոտ։

― Մսագործի մոտ, շուտ գնանք, ― արագ֊արագ վրա տվեց Բարբրիջը, ամբողջ մարմնով առաջ ձգվելով, տենդագին ու տաք շնչելով Ռեդրիկի ծոծրակին։ ― Ուղիղ գնանք նրա մոտ։ Դե գնա՛նք։ Նա դեռ ինձ յոթ հարյուր պարտք է․․․ Դե, քշի, գնա՛, ոնց որ թաց տեղով սողացող ոջիլ լինես։ ― Ու հանկարծ սկսեց անզոր հայհոյել կեղտոտ ու քինոտ բառերով, փսլինք թափելով ու հազից շնչահեղձ լինելով։

Ռեդրիկը չէր պատասխանում նրան։ Ոչ ժամանակ ունե՛ր, ոչ էլ ուժ՝ լռեցնելու անպատկառ Գիշակերին։ Պետք էր շուտ վերջանցել այս ամենը ու գոնե մի ժամ, գոնե կես ժամ քնել մինչև «Մետրոպոլ» գնալը։ Նա թեքվեց դեպի Տասնվեցերորդ փողոց, անցավ երկու թաղամաս ու մեքենան կանգնեցրեց մի գորշ երկհարկանի տան առաջ։

Մսագործն ինքը դուռը բաց արեց, երևում է, նոր էր վեր կացել, որ լոգանք ընդունի։ Նա հագել էր ոսկեզօծ ծոպքերով շքեղ խալաթ, իսկ ձեռքի բաժակի մեջ արհեստական ատամներն էին։ Մազերը գզգզված էին, պղտոր աչքերի տակ սև պարկեր էին կախված։

― Ա՜, ― ասաց նա։ ― Շեկ, դո՞ւ ես։ Ի՞նչ ես ուզում։

― Ատամներդ դիր ու գնանք, ― ասաց Ռեդրիկը։

― Ըհը, ― արձագանքեց մսագործը, գլխով հրավիրեց սենյակի խորքը, իսկ ինքը քստքստացնելով պարսկական հողաթափերը և շարժվելով զարմանալի արագությամբ, գնաց լողասենյակի կողմը։ ― Ո՞վ է, ― հարցրեց նա այնտեցից։

― Բարբրիջը, ― պատասխանեց Ռեդրիկը։

Լողասենյակից լսվեց ջրի ձայն, հետո փնչոց, ինչ֊որ բան ընկավ ու գլորվեց ապակեպատ հատակի վրայով։ Ռեդրիկը հոգնած նստեց բազկաթոռին, հանեց սիգարետն ու ծխեց, նայելով շուրջը։ Այո, հյուրասենյակը վատ չէ։ Մսագործը փողերը չէր ափսոսացել։ Նա շատ փորձառու ու մոդայիկ վիրաբույժ էր, ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ նահանգի բժշկության աստղն էր, ու ստալկերների հետ կապվել էր, իհարկե, ոչ փողի համար։ Նա էլ էր իր բաժինը ստանում Գոտուց․ այնտեղից բերված տարբեր «ապրանքները» օգտագործում էր իր բժշկության մեջ, այնտեղ հաշմված ստալկերներին բուժելիս հարստանում էր մարդկային օրգանիզմի վերաբերյալ նոր գիտելիքներով, հպարտանում էր փառքով՝ մոլորակի այն առաջին բժշկի փառքով, որը բուժում էր մարդու ոչ մարդկային հիվանդությունները։ Ի դեպ, երբեք չէր հրաժարվում նաև փողից։

― Իսկ ի՞նչ է պատահել ոտքերին, ― հարցրեց նա, ― դուրս գալով լողասենյակից մեծ սրբիչը ուսին գցած։ Սրբիչի ծայրով նա զգուշորեն չորացրեց երկար, նյարդային մատները։

― Խրվել է «դոնդողի» մեջ, ― ասաց Ռեդրիկը։

Մսագործը սուլեց։

― Ուրեմն, Բարբրիջի վերջը եկել է, ― մռթմռթաց քթի տակ։ ― Ափսոս, նշանավոր ստալկեր էր։

― Ոչինչ, ― ասաց Ռեդրիկը, ընկղմվելով բազկաթոռի մեջ։ ― Դու նրան պրոտեզ կսարքես։ Նա իր պրոտեզներով հալա կցատկոտի Գոտում։

― Դե լավ, ասաց Մսագործը։ Նրա դեմքն այժմ գործնական էր։ ― Սպասիր, հիմա կհագնվեմ։

Մինչ նա կհագնվեր, մինչ կզանգահարեր ինչ֊որ տեղ, հավանաբար իր հիվանդանոցը, որ ամեն ինչ պատրաստեն վիրահատության համար, Ռեդրիկը առանց շարժվելու ընկղմվել էր բազկաթոռի մեջ ու ծխում էր։ Միայն մեկ անգամ նա շարժվեց, որ գրպանից հանի տափաշիշը։ Նա խմում էր փոքր կումերով, որովհետև մեջն արդեն բան չէր մնացել, ու աշխատում էր չմտածել։ Նա միայն սպասում էր։

Հետո նրանք միասին գնացին դեպի մեքենան։ Ռեդրիկը նստեց ղեկի մոտ, Մսագործը՝ նրա կողքը, և իսկույն, թեքվելով Բարբրիջի կողմը, սկսեց տնտղել նրա ոտքերը։ Սսկված, վախեցած Բարբրիջը խղճալի բաներ էր քրթմնջում, երդվում էր նրան ոսկու մեջ լողացնել, նորից ու նորից հիշում էր երեխաներին ու հանգուցյալ կնոջը և աղաչում էր փրկել գոնե ծնկները։

Երբ նրանք մոտեցան հիվանդանոցին, Մսագործը հայհոյեց, չտեսնելով դռան մոտ իրենց սպասող սանիտարներին, և դեռ մեքենան չկանգնած, դուրս թռավ ու անհետացավ դռան հետևում։ Ռեդրիկը նորից սիգարետ վառեց, իսկ Բարբրիջը հանկարծ շատ արագ ու հստակ, ասես լրիվ հանգստացած, ասաց․

― Դու ուզում էիր ինձ սպանել։ Ես դա կհիշեցնեմ քեզ։

― Բայց հո չսպանեցի, ― անտարբեր պատասխանեց Ռեդրիկը։

― Հա, չսպանեցիր․․․ ― Բարբրիջը լռեց։ ― Ես դա էլ կհիշեմ։

― Հիշի, հիշի, ― ասաց Ռեդրիկը։ ― Դու, իհարկե, ինձ չէիր սպանի․․․ ― Նա շրջվեց ու նայեց Բարբրիջին։ Ծերուկն անվստահ ծռեց բերանը, շարժելով չորացած շրթունքները։ ― Դու պարզապես ինձ կթողնեիր այնտեղ, ― ասաց Ռեդրիկը։ ― Կթողնեիր ինձ Գոտում ու ամեն ինչ սուսուփուս կանցներ։ Ոնց որ Ակնոցավորին արեցիր։

― Ակնոցավորն ինքը մեռավ, ― մռայլված առարկեց Բարբրիջը։ ― Ես ոչ մի մեղք չունեմ։ Նրան ճզմեց։

― Դու սրիկա ես, ― անտարբեր ասաց Ռեդրիկն ու շրջվեց։ ― Գիշակեր։

Հիվանդանոցի մուտքից դուրս թռան քնատ սանիտարները ու, վազելու ընթացքում բացելով պատգարակը, մոտեցան մեքենային։ Ռեդրիկը շարունակելով ծխել, նայում էր, թե ոնց ճարպկորեն Բարբրիջին դրին պատգարակի վրա ու տարան։ Բարբրիջը անշարժ պառկել էր ձեռքերը կրծքին դրած, ու անջատված նայում էր երկնքին։ Նրա խոշոր թաթերը, որ դաժանորեն կրծոտել էր «դոնդողը», տարօրինակ ու անբնական ձևով ոլորված էին։ Նա վերջինն էր այն հին ստալկերներից, ովքեր Այցելությունից անմիջապես հետո սկսեցին զբաղվել հանկարծակի հայտնված գանձերի «որսով», երբ Գոտին դեռ չէր կոչվում Գոտի, երբ ոչ ինստիտուտները կային, ոչ պարիսպները, ոչ էլ ՄԱԿ֊ի ոստիկանական ուժերը, երբ քաղաքը վախից կաթվածահար էր եղել, իսկ աշխարհը հռհռում էր ժուռնալիստների հնարած նոր հեքիաթի վրա։ Ռեդրիկն այն ժամանակ տասը տարեկան էր, իսկ Բարբրիջը դեռ ամրակազմ ու ճարպիկ տղամարդ էր, նա սիրում էր ուրիշի հաշվին խմել, կռիվներ սարքել ու մութ անկյունները քարշ տալ միամիտ աղջիկներին։ Այն ժամանակ նա բոլորովին չէր հետաքրքրվում իր սեփական երեխաներով, և հենց այն ժամանակ էլ սրիկա էր, որովհետև հենց որ խմում էր, մի ինչ֊որ նողկալի հաճույքով էր ծեծում կնոջը՝ բոլորի աչքի առաջ, ցուցադրական․․․ Ու ծեծլով սպանեց նրան։

Ռեդրիկը շրջեց «լենդրովերը» և, ուշադրություն չդարձնելով լուսանշաններին, քշեց, ազդանշան տալով հատուկենտ անցորդներին և խախտելով բոլոր անցումները, սլացավ իր տուն։

Նա կանգ առավ գարաժի մոտ, իսկ երբ դուրս եկավ մեքենայից, տեսավ կառավարչին, որն իր կողմն էր գալիս պուրակից։ Ինչպես միշտ, կառավարիչը անտրամադիր էր, ուռած աչքերով նրա ճմռթված դեմքը անսահման զզվանք էր արտահայտում, ասես քայլում էր ոչ թե հողի վրայով, այլ ջրիկ գոմաղբի։

― Բարի լույս, ― հարգալից ասած նրան Ռեդրիկը։

Կառավարիչը կանգ առավ նրանից երկու քայլ հեռու և, բութ մատը ուսի վրայից տնկելով, քթի տակ մռթմռթաց։

― Սա ձե՞ր գործն է։ ― Նրա ձայնից երևում էր, որ դրանք այսօր նրա արտասանած առաջին բառերն են։

― Ի՞նչը։

― Այս ճոճանակը․․․ Դո՞ւք եք դրել։

― Ես։

― Ինչի՞ համար։

Ռեդրիկը, առանց պատասխանելու մոտեցավ գարաժի դռներին ու կողպեքը բացեց։ Կառավարիչը հետևեց նրան ու կանգնեց կողքը։

― Ես ձեզ հարցնում եմ՝ ինչո՞ւ եք այս ճոճանակը դրել։ Ո՞վ է ձեզ խնդրել։

― Աղջիկս խնդրեց, ― շատ հանգիստ պատասխանեց Ռեդրիկը ու բացեց գարաժի դուռը։

― Ես ձեր աղջկա մասին չեմ հարցնում։ ― Կառավարիչը ձայնը բարձրացրեց։ ― Աղջկա մասին առանձին կխոսենք։ Ես ձեզ եմ հարցնում՝ ո՞վ է թույլ տվել։ Ո՞վ է ձեզ թույլ տվել պուրակում կամայականություն անել։

Ռեդրիկը շրջվեց նրա կողմը ու մի որոշ ժամանակ անշարժ կանգնած մնաց, սևեռուն հայացքը չկտրելով նրա գունատ, կապույտ երակներով ծածկված քթարմատից։ Կառավարիչը մի քայլ հետ գնաց ու ավելի մեղմ ձայնով ասաց․

― Դուք պատշգամբն էլ չեք ներկում։ Քանի անգամ եմ ձեզ․․․

― Իզուր եք չարչարվում, ― ասաց Ռեդրիկը։ ― Միևնույն է, ես այս տնից չեմ գնալու։

Նա նորից նստեց մեքենա ու միացրեց շարժիչը։

Ձեռքերը դնելով ղեկի վրա, նա մի պահ նկատեց, թե ինչպես սպիտակեցին մատների հոդերը։ Ու նա գլուխը դուրս հանեց մեքենայից և, այլևս իրեն չզսպելով ասաց․

― Բայց եթե ես, այնուամենայնիվ, ստիպված լինեմ գնալ, ապա դու, իժ, կյանքիդ հրաժարական կտաս։

Նա մեքենան տարավ գարաժ, միացրեց լամպն ու դռները փակեց։ Հետո կեղծ բենզաբաքից հանեց «ապրանքով» պարկը, մեքենան կարգի բերեց, պարկը մտցրեց մի հին զամբյուղի մեջ, ծածկեց ուռկանով, որը դեռ թաց էր ու վրան էլ խոտեր ու չոր տերևներ էին կպած, իսկ այդ ամենի վերևում լցրեց ձկները, որ երեկ երեկոյան Բարբրիջը գնել էր ծայրամասի մի խանութում։ Հետո նա մի անգամ էլ ըստ իր սովորության բոլոր կողմերից լավ տնտղեց մեքենան։ Հետևի ձախակողմյան անիվին կպել էր մի տրորված սիգարետ։ Ռեդրիկը պոկեց սիգարետի մնացորդը՝ շվեդական էր։ Ինչ֊որ բան մտածելով, այն մտցրեց լուցկու տուփը։ Տուփի մեջ արդեն երեք սիգարետի մնացորդ կար։

Աստիճաններին նա ոչ ոքի չհանդիպեց։ Կանգ առավ իր դռան առաջ, ու դուռը բացվեց ավելի շուտ, քան ինքը կհասցներ հանել բանալին։ Նա ներս մտավ, ծանր պարկը դրած թևի տակ, և ընկղմվեց իր տան ծանոթ տաքության ու ծանոթ բուրմունքների մեջ, իսկ Գուտան, գրկելով նրա պարանոցը, լուռ սեղմվեց կրծքին։ Նույնիսկ կոմբինեզոնի և տաք շապկի տակից նա զգում էր Գուտայի սրտի կատաղի տրոփյունը։ Ռեդրիկը չէր խանգարում նրան՝ համբերատար կանգնել ու սպասում էր, մինչև նա կգնա, չնայած հենց այդ պահին զգաց, թե ինչքան է հոգնած։

― Դե լավ․․․ վերջապես ասաց Գուտան ցածր, խռպոտ ձայնով, բաց թողեց նրան իր գրկից, վառեց միջանցքի լույսը ու գնաց խոհանոց։ ― Հիմա ես քեզ համար սուրճ կեփեմ, ― լսվեց խոհանոցից։

― Ես ձուկ եմ բերել, ― ասաց Ռեդրիկը շինծու առույգ ձայնով։ ― Տապակիր, շուտ, բոլորը տապակիր, անտանելի սոված եմ։

Գուտան հետ եկավ, դեմքը թաքցնելով մազերի մեջ։ Ռեդրիկը զամբյուղը դրեց հատակին, օգնեց նրան հանելու ձկներով լի ցանցը, ու նրանք միասին ձուկը տարան խոհանոց։

― Գնա լվացվիր, ― ասաց Գուտան։ ― Մինչև լվացվես, ամեն ինչ պատրաստ կլինի։

― Կապիկը ո՞նց է, ― հարցրեց Ռեդրիկը, նստելով ու երկարաճիտ կոշիկները հանելով ոտքերից։

― Ամբողջ երեկո բլբլում էր, ― ասաց Գուտան։ ― Հազիվ կարողացա պառկեցնել։ Անընդհատ քեզ էր հարցնում․ հա՛ ո՞նց է հայրիկս, հա՛ ո՞ւր է հարիկս։ Որտեղի՞ց ես գտնեմ նրա հայրիկին․․․

Սլացիկ ոը գեղանի Գուտան անշշուկ և արագ շարժվում էր խոհանոցում։ Կաթսայի մեջ արդեն եռում էր ջուրը, դանակի տակից թռչում էին ձկան թեփուկները, ճտճտում էր յուղը ամենամեծ թավայի մեջ, ու թարմ սուրճի անուշ բուրմունքը բռնել էր չորս կողմը։

Ռեդրիկը վեր կացավ տեղից, ոտաբոբիկ գնաց միջանցք, զամբյուղը վերցրեց ու տարավ խորդանոց։ Հետո մտավ ննջարան։ Կապիկը խաղաղ քնած էր, ճմրթված վերմակը կախվել էր հատակին, գիշերանոցը վեր էր բարձրացել, ու նա ասես ափի մեջ լիներ՝ փոքրիկ ֆսֆսան գազանիկը։ Ռեդրիկը չդիմացավ ու շոյեց նրա մեջքը, որ ծածկված էր ոսկեգույն բրդով, և հազարերորդ անգամ զարմացավ, թե ինչքան երկար ու մետաքսանման է այդ բուրդը։ Նա շատ էր ուզում գիրկն առնել Կապիկին, բայց վախեցավ արթնացնել, ու հետո ինքը սարսափելի կեղտոտ էր, ամբողջովին ներծծված Գոտիով ու մահով։ Ռեդրիկը հետ եկավ խոհանոց, նորից նստեց սեղանի մոտ ու ասաց․

― Սուրճ լցրու ինձ։ Հետո կլողանամ։

Սեղանին դրված էին երեկվա թերթերն ու ամսագրերը՝ «Հարմոնտյան լրագիրը», «Ատլետ» ամսագիրը, «Պլեյբոյ» ամսագիրն ու էլի մի կույտ ամսագրեր, և մոխրագույն կազմով «Արտերկրյա մշակույթների միջազգային ինստիտուտի զեկուցումների» 56֊րդ համարը։

Ռեդրիկը Գուտայի ձեռքից վերցրեց բուրավետ սուրճի բաժակը և մոտ քաշեց «Զեկուցումները»։ Ինչ֊որ ծուռ գծեր, նշաններ, գծագրեր․․․ Լուսանկարներում կարծես ծանոթ առարկաներ են, արտառոց դիրքերով։ Ահա հետմահու տպվել է Կիրիլի դարձյալ մեկ հոդվածը՝ «77֊բ տիպի մագնիսական ծուղակների ևս մեկ անսպասրլի հատկության մասին»։ «Պանով» ազգանունը երիզված է սև շրջանակով, ներքևում մանրատառերով տրված է ծանոթագրությունը․ «Դոկտոր Կիրիլ Ա․ Պանով, ՍՍՀՄ, ողբերգական մահով զոհվեց 19․․․ թվականի ապրիլի 19֊ին՝ փորձարկում կատարելու ժամանակ»։ Ռեդրիկը մի կողմ հրեց հանդեսը, բերանն այրելով կուլ տվեց սուրճը և հարցրեց․

― Մարդ չի՞ եկել։

― Գուտալինը եկավ, ― ասաց Գուտան մի փոքր հապաղելով։ Նա կանգնած էր գազօջախի մոտ ու նայում էր Ռեդրիկին։ ― Սոսկալի հարբած էր, հազիվ էր ոտքի վրա մնում, ու ես նրան ճամփու դրի։

― Իսկ Կապիկն ի՞նչ արեց։

― Դե, իհարկե, չէր ուզում, որ նա գնա։ Լացուկոծ դրեց։ Բայց ես նրան ասացի, Գուտալին քեռին վատ է զգում։ Իսկ նա ինձ մեծավարի պատաախանեց․ «Էլի լակել է Գուտալինը»։

Ռեդրիկը ծիծաղեց ու նորից մի կում խմեց։ Հետո հարցրեց․

― Հարևանները ո՞նց են։

Եվ նորից Գուտան մի քիչ ուշացրեց պատասխանը։

― Ոնց որ միշտ, ― վերջապես պատասխանեց նա։

― Լավ, մի՛ պատմիր։

― Է՛հ, ― ասաց Գուտան, ձեռքը զզվանքով թափահարելով։ ― Այս գիշեր դուռը ծեծում է ներքևի կնիկը։ Աչքերը չռվել են, բերանից փրփուր է թափում։ Կպել է, թե կեսգիշերին ի՞նչ եք սղոցում լողարանում․․․

― Զզվանք, ― ասաց Ռեդրիկը ատամների արանքից։ ― Լսիր, երևի գնանք այստեղից, հը՞։ Մի տեղ տուն առնենք ծայրամասում, որտեղ ոչ ոք չի ապրում, մի լքված ամառանոց․․․

― Իսկ Կապի՞կը։

― Տեր աստված, ― ասաց Ռեդրիկը։ ― Մի՞թե մենք երկուսով չենք կարող այնպես անել, որ նրա համար լավ լինի։

Գուտան օրորեց գլուխը։

― Նա սիրում է երեխաներին։ Երեխաներն էլ նրան են սիրում։ Հո նրանք մեղավոր չեն, որ․․․

― Այո, ― ասաց Ռեդրիկը։ ― Իհարկե նրանք մեղավոր չեն։

― Արի չխոսենք, ― ասաց Գուտան։ ― Քեզ ինչ֊որ մեկը զանգ տվեց։ Անունը չասաց։ Ես ասացի, որ դու գնացել ես ձուկ բռնելու։

Ռեդրիկը բաժակը դրեց սեղանին ու ելավ տեղից։

― Լավ, ― ասաց նա։ ― Այնուամենայնիվ, գնամ լողանամ։ Դեռ շատ գործ ունեմ։

Նա փակվեց լողարանում, շորերը գցեց բաքի մեջ, իսկ կաստետը, մոտը մնացած պնդօղակները, սիգարետներն ու մյուս մանր֊մունր բաները դրեց դարակի վրա։ Նա երկար շուռումուռ էր գալիս եռման ջրի պես տաք ցնցուղի տակ, փնչացնում էր ու չոր սպունգե ձեռնոցով շփում մարմինը, մինչև որ ոտից գլուխ կաս֊կարմիր կտրեց, հետո ցնցուղը անջատեց, նստեց վաննայի եզրին ու ծխեց։ Խողովակների մեջ խշշում էր ջուրը։ Խոհանոցում Գուտան ամաներնն էր չխկչխկացնում, տապակած ձկան հոտը բռնել էր ամբողջ բնակարանը։ Հետո Գուտան ծեծեց լողարանի դուռը և մաքուր սպիտակեղեն տվեց նրան։

― Արագացրու, ― ասաց Գուտան։ ― Ձուկը կսառչի։

Նա արդեն ուշքի էր եկել հուզմունքից և նորից անցել էր իր հրամայական տոնին։ Քթի տակ ծիծաղելով, Ռեդրիկը հագնվեց, այսինքն վրան քաշեց վարտիկն ու մայկան, ու այդ տեսքով եկավ խոհանոց։

― Այ հիմա արդեն կարելի է ուտել, ― ասաց նա, տեղավորվելով սեղանի մոտ։

― Սպիտակեղենդ գցեցի՞ր մեքենայի մեջ, ― հարցրեց Գուտան։

― Ըհը, ― բերանը լիքը պատասխանեց Ռեդրիկը։ ― Ձուկը համեղ է։

― Վրան ջուր լցրեցի՞ր։

― Չ․․․ չէ։ Մեղավոր եմ, սըր, այլևս չի կրկնվի, սըր․․․ Դե լավ կհասցնես, արի նստիր։ ― Ռեդրիկը բռնեց կնոջ ձեռքն ու փորձեց նրան նստեցնել ծնկներին, բայց Գուտան դուրս պրծավ նրա գրկից ու նստեց սեղանի մյուս կողմում։

― Ամուսնուդ բանի տեղ չես դնում, ― ասաց Ռեդրիկը, նորից լիքը լցնելով բերանը։ ― Զզվում ես, էլի։

― Ախր դու հիմա ինչ ամուսին ես, ― ասաց Գուտան։ ― Հիմա դու դատարկ պարկ ես և ոչ թե ամուսին։ Քեզ նախ պետք է լցնել։

― Ո՞վ գիտի, ― ասաց Ռեդրիկը։ ― Մեկ էլ տեսար հրաշք եղավ։

― Ի՜նչ֊ի՜նչ, դեռ որ ոչ մի հրաշք քեզնից չեմ տեսել։ Խմել ուզո՞ւմ ես։

― Երևի․․․ չէ, ― ասաց նա։ Հետո նայեց ժամացույցին ու վեր կացավ։ ― Ես հիմա գնալու եմ։ Պատրաստիր տոնական կոստյումս։ «Ա» կարգի։ Տես, որ վերնաշապիկը, փողկապը․․․

Մաքուր, բոբիկ ոտքերը հաճույքով քստքստացնելով սառը հատակին, նա գնաց խորդանոց և դուռը ներսից փակեց։ Հետո հագավ ռետինե գոգնոցը, մինչև արմունկները հասնող ռետինե ձեռնոցներն ու սկսեց պարկի պարունակությունը հանել, դնել սեղանին։ Երկու «փուչիկ»։ «Քորոցներով» տուփ։ Ինը «մարտկոց»։ Երեք «ապարանջան»։ Ու մի ինչ֊որ օղակ՝ «ապարանջանի» պես, բայց սպիտակ մետաղից ու ավելի թեթև, տրամագիծն էլ կլիներ մի երեսուն միլիմետր․․․ Տասնվեց հատ «սև ցայտեր» պոլիէթիլենի տոպրակի մեջ։ Հրաշալի պահպանված, բռունցքի մեծության երկու «սպունգ»։ Երեք «զուդա»։ «Գազավոր կավով» մի բանկա։ Պարկի մեջ դեռ մնացել էր ճենապակյա ծանր կոնտեյները, որը խնամքով դրված էր ապակե տարայի մեջ, բայց Ռեդրիկը այն չհանեց։ Նա վերցրեց մի սիգարետ ու սկսեց ծխել, նայելով սեղանին դասավորված բարիքին։

Հետո նա բացեց սեղանի դարակը, վերցրեց մի թուղթ, մատիտ ու համրիչը։ Սիգարետը սեղմելով բերանի անկյունում ու ծխից կկոցելով աչքերը, նա իրար հետևից թվեր էր գրում, կազմելով երեք սյունակ, հետո սկսեց գումարել առաջին երկու սյունակների թվերը։ Արդյունքը բավական պատկառելի թիվ էր ստացվում։ Նա սիգրետի մնացորդը հանգցրեց, զգուշորեն բացեց տուփը և քորոցները լցրեց թղթի վրա։ Էլեկտրական լույսի տակ «քորոցները» կապույտ փայլ ունեին և միայն երբեմն էին շողշողում սպեկտի մաքուր գույներով՝ դեղին, կարմիր, կանաչ։ Նա մի քորոց վերցրեց ու զգուշությամբ, որ հանկարծ մատները չծակի, սեղմեց բութ մատով և ցուցամատով։ Հետո լույսն անջատեց ու մի քիչ սպասեց, վարժվելով խավարին։ Բայց քորոցը լռում էր։ Նա այդ քորոցը դրեց մի կողմ, վերցրեց մի ուրիշը և նորից սեղմեց մատներով։ Ոչ մի բան։ Նա ավելի ամուր սեղմեց «քորոցը», չվախենալով, որ կարող է մատները ծակել, և քորոցը խոսեց․ կարմրավուն թույլ բռնկումները վազեցին նրա վրայով ու հանկարծ փոխվեցին ավելի բաց կանաչի։ Ռեդրիկը մի քանի վայրկյան հիանում էր կրակների այդ տարօրինակ խաղով, որը, ինչպես իմացավ «Զեկուցումներից», ինչ֊որ բան պիտի նշանակեր, միգուցե շատ կարևոր․ շատ էական բան, իսկ հետո այդ քորոցը դրեց մի կողմ և վերցրեց մեկ ուրիշը․․․

Ընդամենը յոթանասուներեք «քորոց» կար, որոնցից «խոսում» էին տասներկուսը, մնացածը լռում էին։ Իրականում դրանք պետք է խոսեին, բայց խոսեցնելու համար մատները քիչ էին, հարկավոր էր սեղանի մեծության հատուկ մեքենա։ Ռեդրիկը նորից վառեց լույսը և արդեն գրած թվերին ավելացրեց ևս երկուսը։ Ու միայն դրանից հետո նա վճռեց․․․

Ռեդրիկը երկու ձեռքերը մտցրեց պարկի մեջ և, շունչը պահած, այնտեղից հանեց և սեղանին դրեց մի փափուկ փաթեթ։ Որոշ ժամանակ լուռ նայում էր փաթեթին, մտախոհ քորելով կզակը։ Հետո, այնուամենայնիվ, վերցրեց մատիտը, պտտեց անճոռնի ռետինե մատների արանքում և նորից դրեց տեղը։ Հետո նորից մի սիգարետ կպցրեց և, աչքը չկտրելով փաթեթից, ծխեց մինչև վերջ։

― Գրողը տանի, ― ասաց նա բարձրաձայն, վճռականորեն վերցրեց փաթեթն ու նորից դրեց պարկի մեջ։ ― Եվ վե՛րջ։ Հերի՛ք է։

Նա «քորոցները» արագ լցրեց տուփի մեջ ու վեր կացավ տեղից։ Գնալու ժամանակն էր արդեն։ Երևի կարելի էր գոնե մի կես ժամ քնել, որ գլուխն ավելի հստակ գործեր, բայց, մյուս կողմից, շատ լավ կլինի, եթե ինքը ավելի շուտ գնա այնտեղ ու տեսնի ինչն ինչոց է։ Նա հանեց ձեռնոցները, գոգնոցը կախեց ու, չանջատելով լույսը, դուրս եկավ խորդանոցից։

Կոստյումն արդեն դրված էր մահճակալին, ու Ռեդրիկն սկսեց հագնվել։ Նա հայելու առաջ փողկապն էր կապում, երբ թիկունքում կամացուկ ճռռաց հատակը, լսվեց մի աշխույժ ֆսֆսոց, ու նա դեմքը խոժոռեց, որ չծիծաղի։

― Ո՜ւ, ― հանկարծ գոռաց նրա կողմը մի բարակ ձայն, ու ինչ֊որ մեկը ամուր բռնեց նրա ոտքը։

― Ա՜խ, ― բացականչեց Ռեդրիկը, ուշագնաց ընկնելով մահճակալին։

Կապիկը քրքջալով ու ճվճվալով, իսկույն մագլցեց նրա վրա։ Նրան կոխկրտում էր, քաշում մազերից ու ողողում ամենատարբեր լուրերով։ Հարևան Վիլլին պոկել է տիկնիկի ոտքը։ Երրորդ հարկում մի փիսիկ է հայտնվել, լրիվ սպիտակ է, իսկ աչքերը կարմիր են, երևի մայրիկին չի լսել ու Գոտի է գնացել։ Ընթրիքին մուրաբայով շիլա է կերել։ Քեռի Գուտալինը էլի լակել էր ու վատ էր զգում, նա նույնիսկ լաց էր լինում։ Ինչո՞ւ ձկները չեն խեղդվում, եթե ջրի մեջ են։ Ինչո՞ւ մայրիկն այս գիշեր չէր քնել։ Ինչո՞ւ մատները հինգ հատ են, ձեռքերը՝ երկու, իսկ քիթը՝ մեկ․․․ Ռեդրիկն զգուշորեն կրծքին էր սեղմում իր վրայով սողացող տաքուկ էակին, նայում էր նրա խոշոր առանց սպիտակուցների սև աչքերին, այտով սեղմվում էր նրա փափլիկ, ոսկեգույն մետաքսե աղվամազով ծածկված դեմքին ու կրկնում էր․

― Կապիկ․․․ Ա՜խ, իմ կապիկ․․․

Իսկ հետո ականջի տակ զնգաց հեռախոսը։ Նա ձեռքը մեկնեց ու վերցրեց լսափողը։

Լսափողը լռում էր։

― Ալլո, ― ասաց Ռեդրիկը։ ― Ալլո․․․

Ոչ ոք չարձագանքեց։ Հետո լսափողի մեջ շրխկոց լսվեց, ու հնչեցին կարճ ազդանշանները։ Այդ ժամանակ Ռեդրիկը վեր կացավ մահճալից, Կապիկին իջեցրեց հատակին և, արդեն չլսելով նրա բլբլոցը, հագավ շալվարն ու պիջակը։ Կապիկն անընդհատ բլբլում էր, բայց Ռեդրիկը միայն ցրված ժպտում էր բերանով, այնպես որ ի վերջո լսեց, որ հայրիկը լեզուն կուլ է տվել, ատամներով կծել է։ Եվ վերջապես նրան հանգիստ թողեցին։

Նա վերադարձավ խորդանոց, պայուսակի մեջ դրեց սեղանի վրա եղածը, վազեց լողարան կաստետը վերցնելու, նորից եկավ խորդանոց, մի ձեռքով վերցրեց պայուսկը, մյուսով՝ լիքը զամբյուղը, դուրս եկավ, ամուր փակեց խորդանոցի դուռն ու գոռաց Գուտային՝ «Ես գնացի»։

― Ե՞րբ կգաս, ― հարցրեց Գուտան, դուրս գալով խոհանոցից։ Նա արդեն մազերը սանրել էր ու շպարվել, և հագին ոչ թե խալաթ էր, այլ Ռեդրիկի սիրած տնային զգեստը՝ վառ կապույտ, կրծքի մեծ բացվածքով զգեստը։

― Ես զանգ կտամ, ― ասաց Ռեդրիկը, նայելով նրան, հետո մոտեցավ, կռացավ ու համբուրեց բաց պարանոցը։

― Դե գնա, ― կամաց ասաց Գուտան։

― Իսկ ե՞ս։ Իսկ ի՞նձ, ― ճվճվաց Կապիկը, խցկվելով նրանց արանքը։

Ռեդրիկը ստիպված եղավ էլ ավելի կռանալ։ Գուտան սառած աչքերով նայում էր նրան․

― Ոչինչ, ― ասաց Ռեդրիկը։ ― Մի՛ անհանգստացիր։ Ես քեզ զանգ կտամ։

Մի հարկ իջնելով, Ռեդրիկը սանդղահարթակին տեսավ զոլավոր պիժամայով մի ծանրամարմին տղամարդու, որն իր դռան կողպեքն էր բացում։ Բնակարանի մթին խորքերից գաղջ թթվահոտ էր գալիս։ Ռեդրիկը կանգ առավ նրա մոտ ու ասաց․

― Բարի օր։

Ծանրամարմին մարդը վախվորած նայեց նրան իր զորեղ ուսի վրայից ու ինչ֊որ բան փնչացրեց։

― Ձեր տիկինը գիշերը մեր տուն էր եկել, ― ասաց Ռեդրիկը։ ― Իբր մենք ինչ֊որ բան ենք սղոցում։ Դա թյուրիմացություն է։

― Ինձ ի՜նչ, ― մռթմռթաց պիժամայով մարդը։

― Կինս երեկ լվացք էր անում, ― շարունակեց Ռեդրիկը։ ― Եթե մենք ձեզ անհանգստություն ենք պատճառել, խնդրում եմ՝ ներեք։

― Իսկ ես ոչ մի բան չեմ ասել, ― ասաց պիժամայով մարդը։ ― Խնդրեմ։

― Դե, ուրեմն, ես շատ ուրախ եմ, ― ասաց Ռեդրիկը։

Նա ցած իջավ, մտավ գարաժ, պարկով զամբյուղը դրեց անկյունում, հին նստարանը գցեց վրան, մի անգամ էլ նայեց չորս կողմը ու դուրս եկավ։

Գնալու տեղը հեռու չէր․ երկու թաղամաս մինչև հրապարակ, հետո պիտի անցներ զբոսայգին ու ևս մի թաղամաս մինչև Կենտրոնական պողոտա։ «Մետրոպոլի» առաջ, ինչպես միշտ, փայլում էր նիկելապատ ու լաքապատ մեքենաների խայտաբղետ շարքը, մորեգույն բաճկոններով սպասավորները ներս էին տանում ճամպրուկները, արտասահմանցու տեսքով մի քանի պատկառելի տղամարդիկ մարմարե աստիճանների վրա երկու֊երեք հոգանոց խմբերով զրուցում էին ու ծխի քուլաներ բաց թողնում սիգարետներից։ Ռեդրիկը որոշեց առայժմ ներս չմտնել։ Նա նստեց փողոցի մյուս կողմի փոքրիկ սրճարանի ծածկի տակ, սուրճ պատվիրեց ու վառեց սիգարետը։ Նրանից երկու քայլ այն կողմ սեղանի մոտ նստած էին միջազգային ոստիկանության երեք աշխատակիցներ՝ քաղաքացիական հագուստով։ Նրանք լուռ ու հապշտապ հարմոնտյան տապակած նրբերշիկ էին ուտում և ապակյա մեծ բաժակներով մուգ գարեջուր էին խմում։ Մյուս կողմում մի սերժանտ տապակած կարտոֆիլ էր ուտում՝ պատառաքաղը բռի մեջ սեղմած։ Կապույտ սաղավարտը դրել էր հատակին, աթոռի կողքը, իսկ ատրճանակի պատյանով գոտին կախել էր աթոռի թիկնակին։ Սրճարանում ուրիշ մարդ չկար։ Մատուցողուհին, որն անծանոթ, տարիքով կին էր, կանգնած էր մի կողմում և ժամանակ առ ժամանակ հորանջում էր, ձեռքով նրբանկատորեն փակելով ներկված բերանը։ Իննից քսան էր պակաս։

Ռեդրիկը տեսավ, ինչպես հյուրանոցից դուրս եկավ Ռիչարդ Նունանը, ինչ֊որ բան ծամելով և քայլելու ընթացքում գլխարկը գլխին քաշելով։ Նա եռանդուն կտկտացնում էր աստիճաններից իջնելիս՝ կարճլիկ, գիրուկ, վարդագույն, ամբողջովին բարեկեցիկ, բարեհաջող, նոր լողացած, վճռականորեն համոզված, որ օրը ոչ մի անախորժություն չի պատճառելու իրեն։ Նա ձեռքի թափահարումով բարևեց ինչ֊որ մեկին, ծալած թիկնոցը գցեց աջ ուսին և մոտեցավ իր «պեժոյին»։ Դիկի «պեժոն» էլ էր կլորիկ, կարճլիկ, նոր լվացած ու նույնպես համոզված, որ իրեն ոչ մի տհաճություն չի սպասում։

Ափով ծածկելով դեմքը, Ռեդրիկը նայում էր, թե Նունանը ինչպես է գործնական տեսքով նստում ղեկի առաջ, ինչ֊որ բան է հետևը դնում, կռանում է ինչ֊որ բան վերցնելու, ուղղում է մեքենայի հետևը ցույց տվող հայելին։ Հետո «պեժոն» փնչացնելով երկնագույն ծուխ արձակեց, սուլեց ինչ֊որ մի աֆրիկացու վրա ու դուրս եկավ փողոց։ Ըստ ամենայնի, Նունանը գնում էր ինստիտուտ, ուրեմն պիտի անցներ շատրվանի և սրճարանի մոտով։

Ռեդրիկն արդեն չէր հասցնի վեր կենալ և գնալ, այդ պատճառով էլ դեմքը լրիվ ծածկեց ձեռքով ու կռացավ իր սուրճի բաժակի վրա։ Սակայն դա էլ չօգնեց։ «Պեժոն սուլեց հենց նրա ականջի տակ, ճռնչացին արգելակները, և Նունանի առույգ ձայնը կանչեց․

― Հե՜յ, Շուխարտ։ Ռե՜դ․․․

Մտքում հայհոյելով նրան Ռեդրիկը բարձրացրեց գլուխը։ Նունանն արդեն գալիս էր նրա կողմը՝ ձեռքն առաջ մեկնած։ Նա բարեհամբյուր ժպտում էր։

― Այս վաղ ժամին ի՞նչ ես անում այստեղ, ― մոտենալուն պես հարցրեց նա։ ― Շնորհակալություն, մադամ, ― նետեց նա մատուցողուհուն։ ― Ոչ մի բան պետք չէ․․․ Եվ նորից դարձավ Ռեդրիկին․ ― Հարյուր տարի կլինի քեզ չեմ տեսել։ Ո՞ւր ես կորել։ Ինչո՞վ ես զբաղվում։

― Դեհ․․․ դժկամորեն ասաց Ռեդրիկը, ― մանր֊մունր բաներով։

Նա նայում էր, թե Նունանը իրեն հատուկ լրջությամբ ու եռանդով ոնց է տեղավորվում դիմացի աթոռին, փափլիկ ձեռքերով դեն է տանում ամձեռոցիկներով բաժակը, դատարկ ափսեն մյուս կողմն է քաշում, և լսում էր Նունանի բարյացակամ բլբլոցը․

― Ոնց որ երեսիդ գույն չկա, հո անքուն չե՞ս մնում։ Գիտես, վերջերս ես էլ եմ շատ չարչարվում այդ նոր ավտոմատիկայի պատճառով, բայց թե քունը, եղբայրս, ինձ համար ամենակարևոր գործն է, ջհանդամը կորչի այդ ավտոմատիկան․․․ Հանկարծ նա շուրջը նայեց։ ― Պարդոն, գուցե դու սպասո՞ւմ ես ինչ֊որ մեկին։ Ես հո չե՞մ խանգարում։

― Դեհ, չէ․․․ ― վհատ ասաց Ռեդրիկը։ ― Ուղղակի ժամանակ ունեի, մտածեցի՝ նստեմ, մի բաժակ սուրճ խմեմ։

― Դեհ, ես քեզ չեմ ուշացնի, ― ասաց Դիկն ու նայեց ժամացույցին։ ― Լսիր, Ռեդ, ձեռ քաշիր քո այդ մանր֊մունր բաներից ու հետ արի ինստիտուտ։ Դու հո գիտես, որ ուզածդ ժամանակ քեզ կընդունեն։ Ուզո՞ւմ ես նորից ռուսի մոտ, վերջերս է եկել։

Ռեդրիկը տարուբերեց գլուխը․

― Ոչ, ― ասաց նա։ ― Աշխարհում դեռ չի ծնվել երկրորդ Կիրիլը։ Եվ ես էլ ոչ մի անելիք չունեմ ձեր ինստիտուտում։ Հիմա այնտեղ լրիվ ավտոմատացված է, ռոբոտներն են Գոտի գնում, երևի ռոբոտներն են պարգևավճար ստանում։ Իսկ լաբորանտի ստացած կոպեկներով ես իսկի սիգարետ էլ չեմ առնի։

― Այդ բոլորը կարելի է դասավորել, ― առարկեց Նունանը։

― Իսկ ես չեմ սիրում, որ իմ գործերն ուրիշներն են դասավորում, ― ասաց Ռեդրիկը։ ― Ծնվածս օրից ես եմ դասավորել իմ գործերն ու առաջիկայում էլ մտադիր եմ ինքս դասավորել։

― Շատ հպարտն ես դառել, ― նախատինքով ասաց Նունանը։

― Բնավ հպարտ չեմ։ Պարզապես փող հաշվել չեմ սիրում, հասկացա՞ր։

― Դե, ինչ ասեմ, դու ճիշտ ես, ― շփոթված ասաց Նունանը։ Նա անտարբեր նայեց կողքի աթոռին դրված Ռեդրիկի պայուսակին, մատով փայլեցրեց նրա արծաթե փակը, որի վրա փորագրված էին սլավոնական տառեր։ ― Ամեն ինչ ճիշտ է։ Փողը մարդուն պետք է այն բանի համար, որ նա երբեք չմտածի փողի մասին․․․ Կիրի՞լն է նվիրել, ― հարցրեց նա, գլխով ցույց տալով պայուսակը։

― Ժառանգություն հասավ, ― ասաց Ռեդրիկը։

― Ինչ֊որ էլ չես երևում «Բորժչում», ― շարունակեց Նունանը։ ― Ես համարյա ամեն օր այնտեղ եմ ճաշում։ Այստեղ, «Մետրոպոլում», ամեն մի կոտլետի համար քեզ թալանում են․․․ Լլսիր, ― ասաց նա հանկարծ։ ― Իսկ հիմա փողից ո՞նց ես։

― Պարտ ես ուզո՞ւմ, ― հարցրեց Ռեդրիկը։

― Չէ, հակառակը։

― Ուրեմն ուզում ես պա՞րտք տալ։

― Մի գործ կա, ― ասաց Նունանը։

― Օ, տեր աստվա՜ծ, ― ասաց Ռեդրիկը։ ― Դու էլ ես դրանցից։

― Իսկ էլ ո՞վ է․․․ իսկույն վրա պրծավ Նունանը։

― Էհ․․․ շատ են քեզ նման գործ տվողները։

Նունանը, ասես նոր հասկանալով նրան, ծիծաղեց։

― Դե չէ, դա քո հիմնական մասնագիտությամբ չէ։

― Իսկ ո՞ւմ մասնագիտությամբ է։

Նունանը դարձյալ նայեց ժամացույցին։

―Լսիր, ուրեմն, ― ասաց նա, աթոռից վեր կենալով։ ― Այսօր ճաշին արի «Բորժչ», ժամը երկուսի մոտ։ Կխոսենք։

― Ժամը երկուսին ես չեմ հասցնի, ― ասաց Ռեդրիկը։

― Այդ դեպքում՝ երեկոյան վեցին։ Եղա՞վ։

― Տեսնենք, ― ասաց Ռեդրիկը ու ինքն էլ նայեց ժամացույցին։ Իննից հինգ էր պակաս։

Նունանը ձեռքով հրաժեշտ տվեց ու գլորվեց դեպի իր «պեժոն»։

Ռեդրիկը հայացքով ճանապարհ դրեց նրան, կանչեց մատուցողուհուն, մի տուփ «Լաքի ստրայք» ուզեց, վճարեց և, վերցնելով պայուսակը, անշտապ քայլերն ուղղեց դեպի հյուրանոց։ Արևն արդեն կարգին այրում էր, փողոցն արագորեն լցվում էր խոնավ հեղձուկով, ու Ռեդրիկը կոպերի տակ կսկծոց զգաց։ Նա ուժեղ կկոցեց աչքերը, ափսոսալով, որ չհասցրեց գոնե մի ժամ քնել այս կարևոր գործից առաջ։ Ու հենց այդ պահին էլ սկսվեց։

Նրա հետ երբեք այսպիսի բան չէր եղել Գոտուց դուրս, իսկ Գոտում էլ ընդամենը երկու կամ երեք անգամ էր եղել։ Նա հանկարծ կարծես ընկավ մի ուրիշ աշխարհ։ Միլիոնավոր հոտեր միանգամից թափվեցին նրա վրա՝ սուր, քաղցր, մետաղյա, քնքուշ, վտանգավոր, տագնապալի․ շենքի պես վիթխարի, փոշեհատիկների պես փոքր, քարի պես կոշտ, ժամացույցի մեխանիզմի պես նուրբ ու բարդ հոտեր։ Օդը դարձավ մի տեսակ պինդ․ նրա մեջ հայտնվեցին նիստեր, մակերեսներ, անկյուններ, տարածությունը լցվեց վիթխարի խորդուբորդ գնդերով, լպրծուն բուրգերով, հսկայական փշոտ բյուրեղներով, և նա ստիպված էր մի կերպ անցնել այս ամենի միջով, ինչպես երազում հնավաճառի մութ խանութում լցված այլանդակ հին կայույքի միջով․․․ Դա տևեց ընդամենը մի ակնթարթ։ Նա բացեց աչքերը, ու ամեն ինչ ցնդեց։ Դա ուրիշ աշխարհ չէր, դա իր նախկին, ծանոթ աշխարհն էր նրա կողմը շրջվել էր իր մի ուրիշ, անհայտ կողմով, և այդ կողմը նրան հայտնվեց սոսկ մի ակնթարթ ու նորից ամուր փակվեց, նախքան կհասցներ ինչ֊որ բան հասկանալ։

Ռեդրիկի ականջի մոտ ջղային ոռնաց մի ավտոմեքենա։ Նա քայլերն արագացրեց, հետո վազեց և կանգ առավ միայն «Մետրոպոլի» պատի մոտ։ Սիրտը կատաղորեն թպրտում էր։ Նա պայուսակը դրեց ասֆալտին, արագ բացեց սիգարետի տուփն ու սկսեց ծխել․․․ Ռեդրիկը ծուխը խոր ներս էր քաշում, հանգստանալով, ինչպես հանգստանում են ծեծկռտուքից հետո, և հերթապահ ոստիկանը կանգ առավ նրա կողքը ու անհանգստացած հարցրեց․

― Ձեզ օգնե՞մ, սըր։

― Ոչ, ― մի կերպ արտաբերեց Ռեդրիկն ու հազաց․․․ ― Տոթ է․․․

― Միգուցե ուղեկցե՞մ ձեզ։

Ռեդրիկը կռացավ ու պայուսակը վերցրեց։

― Վերջ, ― ասաց նա։ ― Ամեն ինչ լավ է, բարեկամս։ Շնորհակալություն։

Նա արագ գնաց մուտքի կողմը, բարձրացավ աստիճաններով ու մտավ ճեմասրահ։ Այստեղ զով էր, կիսամութ և աղմկոտ։ Հարկավոր էր նստել այս վիթխարի կաշվե բազմոցներից մեկի վրա, ուշքի գալ, շունչը տեղը բերել, բայց նա առանց այդ էլ ուշանում էր։ Նա իրեն թույլ տվեց միայն մինչև վերջ ծխել սիգարետը, կիսափակ կոպերի տակից նայելով ճեմասրահում խռնված մարդկանց։ Ոսկրոտը արդեն այստեղ էր ու ջղային տեսքով ինչ֊որ բան էր փնտրում վաճառասեղանին դրված ամսագրերի մեջ։ Ռեդրիկը ծխախոտի մնացորդը գցեց մոխրամանը ու մտավ վերելակի խցիկը։

Նա չհասցրեց դուռը փակել, և նրա հետ միասին վերելակի մեջ խցկվեցին ասթմայով հիվանդի պես շնչող մի ամրակազմ գիրուկ տղամարդ, թունդ օծված մի տիկին՝ իր խոժոռադեմ տղայի հետ, որը շոկոլադ էր ուտում, և վատ սափրված կզակով մի լայնատարած պառավ։ Ռեդրրիկին հրեցին անկյուն։ Նա փակեց աչքերը, որպեսզի չտեսնի տղային, որի կզակն ի վար հոսում էր շոկոլադախառն թուքը, բայց դեմքը թարմ էր, մաքուր, առանց մի մազի, Ռեդրիկը չէր ուզում տեսնել տղայի մորը, որի խղճուկ կուրծքը զարդարված էր խոշոր «սև ցայտերից» սարքած արծաթե շքեղ մանյակով, չէր ուզում տեսնել հաստլիկի դուրս պրծած սպիտակուցները, պառավ կնոջ ուռած դեմքի զարզանդելի գորտնուկները։ Հաստլիկը փորձեց ծխել, բայց պառավը նրան սաստեց ու շարունակեց սաստել մինչև հինգերորդ հարկ, որտեղ ինքը դուրս գլորվեց վերելակից, ու հենց որ պառավը դուրս եկավ վերելակից, հաստլիկը ծխեց մի այնպիսի տեսքով, ասես պաշտպանում էր իր քաղաքացիական ազատությունը, և իսկույն էլ սկսեց հազալ ու խեղդվել, ուղտավարի ձգելով շրթունքները և արմունկով հրելով Ռեդրիկին․․․

Ութերորդ հարկում Ռեդրիկը դուրս եկավ վերելակից և փափուկ գորգի վրայով քայլեց չերևացող լապտերի մեղմ լույսով ողողված միջանցքով։ Թանկագին ծխախոտի, փարիզյան օծանելիքների, բնական կաշվից փայլուն ու լիքը լցված դրամապանակների, մի գիշերում հինգ հարյուր դոլար արժեցող աղջիկների, ոսկե ծխախոտատուփերի հոտն էր կանգնած միջանցքում, այս էժանագին, գաղջ բորբոսի հոտը, որը սնվում էր Գոտուց, խմում էր Գոտուց, չափում էր, լակում, ճարպակալում Գոտուց, ու ամեն ինչի վրա թքած ուներ, և հատկապես այն բանի վրա, թե ինչ կլինի հետո, երբ ինքը կկշտանա լափելուց, գռփելուց, իսկ այն ամենը, ինչ առաջ գտնվում էր Գոտում, կհայտնվի դրսում՝ աշխարհում։ Ռեդրիկն առանց բախելու դուռը հրեց և ներս մտավ ութ հարյուր յոթանասունչորս համարը։

Խռպոտը նստել էր պատուհանի մոտ դրված սեղանին ու տնտղում էր ձեռքին բռնած սիգարը։ Նա դեռ պիժամայով էր․ ցանցառ, թաց մազերը խնամքով սանրված էին, իսկ անառողջ, այտուցված դեմքը սափրված էր։

― Ըհը՜, ― ասաց նա, հայացքը չկտրելով սիգարից։ ― Ճշտապահությունը արքաների քաղաքավարությունն է։ Բարև, տղաս։

Նա վերջացրեց սիգարի ծայրը կտրելը, բռնեց երկու ձեռքով, մոտեցրեց բեղերին ու հոտոտեց։

― Իսկ որտե՞ղ է մեր բարի ծերուկ Բարբրիջը, ― հարցրեց նա ու հայացքն ուղղեց Ռեդրիկին։ Նրա աչքերը թափանցիկ էին, երկնագույն՝ հրեշտակի աչքեր։

Ռեդրիկը պայուսակը դրեց բազմոցին, նստեց ու գրպանից հանեց սիգարետի տուփը։

― Բարբրիջը չի գա, ― ասաց նա։

― Բարի ծերուկ Բարբրիջը, ― մռթմռթաց Խռպոտը, երկու մատով վերցրեց սիգարը և զգուշորեն մոտեցրեց բերանին։ ― Ծերուկ Բարբրիջի ջղերը չե՞ն դիմացել․․․

Նա իր վճիտ կապույտ աչքերով անթարթ նայում էր Ռեդրիկին։ Նա երբեք աչքերը չէր թարթում։ Դուռը բացվեց, ու ներս խցկվեց Ոսկրոտը։

― Ո՞վ էր այն մարդը, ում հետ դուք խոսում էիք, ― հենց շեմից հարցրեց նա։

― Ա՜, բարև ձեզ, ― սիրալիր բարևեց նրան Ռեդրիկը, մոխիրը թափ տալով հատակին։

Ոսկրոտը ձեռքերը մտցրեց գրպանները, մոտեցավ, լայն֊լայն քայլելով դեպի ներս շրջված խոշոր թաթերով ու կանգ առավ Ռեդրիկի առաջ։

― Մենք ձեզ հարյուր անգամ ասել ենք, ― կշտամբանքով ասաց նա։ ― Ոչ մի շփում հանդիպումից առաջ։ Իսկ դուք ի՞նչ եք անում։

― Ես բարևում եմ, ― ասաց Ռեդրիկը։ ― Իսկ դո՞ւք։

Խռպոտը ծիծաղեց, իսկ Ոսկրոտը ջղային ասաց․

― Բարև ձեզ, բարև ձեզ։ ― Նա դադարեց շաղափել Ռեդրիկին կշտամբիչ հայացքով ու շրմփաց բազմոցին, նրա կողքը։ ― Այդպես չի կարելի անել, ― ասաց նա։ ― Հասկանո՞ւմ եք։ Չի կարելի։

― Այդ դեպքում ինձ հետ ժամադրվեք մի այնպիսի տեղում, որտեղ ես ծանոթներ չունեմ, ― ասաց Ռեդրիկը։

― Տղան իրավացի է, ― նկատեց Խռպոտը։ ― Մեր սխալն է․․․ Ուրեմն ո՞վ էր այդ մարդը։

― Դա Ռիչարդ Նունանն էր, ― ասաց Ռեդրիկը։ ― Նա ներկայացուցիչն է ինչ֊որ ֆիրմաների, որոնք սարքավորումներ են մատակարարում ինստիտուտին։ Այստեղ է ապրում, հյուրանոցում։

― Այ, տեսնում ես ինչքան պարզ ու հասարակ բան է, ― ասաց Խռպոտը Ոսկրոտին, սեղանից վերցրեց Ազատության արձանի նմանությամբ սարքած վիթխարի վառիչը, կասկածանքով զննեց ու դրեց տեղը։

― Իսկ Բարբրիջն ո՞ւր է, ― հարցրեց Ոսկրոտն արդեն բարեկամաբար։

― Բարբրիջը քաշվեց, ― ասաց Ռեդրիկը։

Այդ երկուսը արագ իրար նայեցին։

― Աստված լուսավորի հոգին, ― ասաց Խռպոտը մի տեսակ զգուշորեն։ ― Թե՞ ձերբակալվել է։

Ռեդրիկը միանգամից չպատասխանեց, դանդաղ ծխելով սիգարետը։ Հետո մնացուկը շպրտեց հատակին ու ասաց․

― Մի՛ վախեցեք, ամեն ինչ մաքուր է։ Նա հիվանդանոցում է։

― Լա՜վ մաքուր է, ― ասաց Ոսկրոտը ջղագրգիռ, տեղից վեր թռավ ու մոտեցավ պատուհանին։ ― Ո՞ր հիվանդանոցում է։

― Մի՛ վախեցեք, ― կրկնեց Ռեդրիկը։ ― Որտեղ որ պետք է։ Եկեք մեր գործը վերջանցնենք։ Ես քնել եմ ուզում։

― Իսկ ո՞ր հիվանդանոցում է, ― արդեն գլուխը կորցրած հարցրեց Ոսկրոտը։

― Ես արդեն ձեզ ասացի, ― պատասխանեց Ռեդրիկն ու ձեռքն առավ պայուսակը։ ― Մենք այսօր պիտի զբաղվե՞նք գործով, թե չէ։

― Հիմա, հիմա, տղաս, ― առույգ վրա տվեց Խռպոտը։

Անսպասելի թեթևությամբ նա ցած թռավ սեղանից, արագ Ռեդրիկին մոտեցրեց ցածր սեղանիկը, որի վրա դրված ամսագրերն ու թերթերը ձեռքի մի շարժումով շպրտեց հատակին ու նստեց Ռեդրիկի դիմաց, մազմզոտ վարդագույն ձեռքերը դնելով ծնկներին։

― Ցույց տվեք, ― ասաց նա։

Ռեդրիկը բացեց պայուսակը, հանեց գների ցուցակը ու դրեց սեղանին՝ Խռպոտի առաջ։ Խռպոտը նայեց ցուցակը եղունգով մի կողմ հրեց։ Նրա հետևում կանգնած Ոսկրոտը հայացքը գամեց ցուցակին։

― Սա հաշիվն է, ― ասաց Ռեդրիկը։

― Տեսնում եմ, ― պատասխանեց Խռպոտը։ ― Հանեք։ Հանեք․․․

― Փողը, ― ասաց Ռեդրիկը։

― Սա ի՞նչ «օղակ» է, ― կասկածանքով հարցրեց Ոսկրոտը, Խռպոտի ուսի վրայից մատը դնելով ցուցակի վրա։

Ռեդրիկը լուռ էր։ Կիսաբաց պայուսակը ծնկներին պահած՝ նա անթարթ նայում էր կապույտ, հրեշտակային աչքերին։ Վերջապես Խռպոտը քմծիծաղեց․

― Տեսնես ինչի՞ համար եմ ես ձեզ այսպես սիրում, ― տղաս, ― գեղգեղաց նա։ ― Հետո էլ ասում են, որ առաջին հայացքից սեր չի լինում։ ― Նա թատերայնորեն հառաչեց։ ― Ֆիլ, բարեկամս, սրանց մոտ ո՞նց են ասում։ Մի «կաղամբ» կշռիր սրա համար, «կանաչները» հաշվիր․․․ Վերջապես մի լուցքի տուր ինձ։ Հո տեսնո՞ւմ ես․․․ Ու նա թափ տվեց ձեռքում պահած սիգարը։

Ոսկրոտ Ֆիլը ինչ֊որ անհասկանալի բան մռթմռթաց, լուցկու տուփը նետեց նրան, իսկ ինքը գնաց մյուս սենյակը, որի դուռը ծածկված էր վարագույրով։ Լսվում էր, որ նա այնտեղ ջղայնացած ու անհասկանալի խոսում է ինչ֊որ մեկի հետ փակ աչքերով բան առնելու մասին, իսկ Խռպոտը, վերջապես ծխելով սիգարը, բարակ ու անգույն շուրթերին սառած ժպիտով անընդհատ սևեռուն նայում էր Ռեդրիկին, ու ասես ինչ֊որ բանի մասին էր մտածում, իսկ Ռեդրիկը, կզակը հենելով պայուսակին, նույնպես հայացքը չէր կտրում նրա դեմքից ու աշխատում էր չթարթել, չնայած կոպերն ասես այրվում էին, ու աչքերը արցունքով էին լցվում։ Հետո Ոսկրոտը եկավ, սեղանին շպրտեց փաթեթավորված թղթադրամները երկու կապուկ ու, հոնքերը կիտած, նստեց Ռեդրիկի կողքը։ Ռեդրիկը ծուլորեն մեկնվեց փողերին, բայց Խռպոտը ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան, կապուկների վրայից հանեց թղթերն ու խցկեց իր պիժամայի գրպանը։

― Հիմա խնդրեմ, ― ասաց նա։

Ռեդրիկը վերցրեց փողն ու, առանց հաշվելու, կապուկները սկսեց խցկել պիջակի ներսի գրպանները։ Հետո ձեռնամուխ եղավ պայուսակից «ապրանքը» հանելուն։ Նա դա անում էր դանդաղ, այն երկուսին հնարավորություն տալով լավ տնտղել ամեն մի առարկան ու համեմատել ցուցակի հետ։ Սենյակում լռություն էր տիրում, միայն ծանր շնչում էր Խռպոտը, և մեկ էլ վարագույրի մյուս կողմից լսվում էր թույլ չրխկոց, ոնց որ գդալը կպներ բաժակի եզրին։

Երբ վերջապես Ռեդրիկը փակեց պայուսակը և չխկացրեց փակերը, Խռպոտը հայացքը բարձրացրեց նրա վրա ու հարցրեց․

― Դե, իսկ ամենակարևո՞րը։

― Ոչ մի դեպքում, ― պատասխանեց Ռեդրիկը։ Եվ մի քիչ լռելուց հետո ավելացրեց։ ― Առայժմ։

― Ինձ դուր է գալիս այդ «առայժմը», ― փաղաքուշ ասաց Խռպոտը։ ― Իսկ քե՞զ, Ֆիլ։

― Օյինբազություն եք անում, Շուխարտ, ― զզվանքով ասաց Ոսկրոտը։ ― Իսկ ինչո՞ւ, հարց է ծագում։

― Մասնագիտությունս է այդպիսին։ Օյինբազ գործեր են, ― ասաց Ռեդը։ ― Դժվար բան է մեր ու ձեր մասնագիտությունը։

― Դե լավ, ― ասաց Խռպոտը։ ― Իսկ ֆոտոապարատն ո՞ւր է։

― Ա՜, գրողը տանի, ― փնթփնթաց Ռեդրիկը։ Նա մատներով շփեց երեսը, զգալով ինչպես է կարմրում։ ― Մեղավոր եմ, ― ասաց նա։ ― Բոլորովին չեմ հիշել։ Մոռացել եմ։

― Այնտե՞ղ, ― հարցրեց Խռպոտը, անորոշ շարժում անելով սիգարով։

― Չեմ հիշում․․․ Երևի այնտեղ․․․ ― Ռեդրիկն աչքերը փակեց ու հենվեց բազմոցի թիկնակին։ ― Չէ։ Ոչ մի բան չեմ հիշում։

― Ափսոս, ― ասաց Խռպոտը։ ― Բայց դուք գոնե տեսա՞ք դա։

― Ոչ, սրտնեղած ասաց Ռեդրիկը։ ― Հարցն էլ հենց դա է։ Մենք չհասանք կաուպերներին։ Բարբրիջը խրվեց «դոնդողի» մեջ, ու ես ստիպված եղա իսկույն հետ դառնալ․․․ Հավատացեք, եթե ես տեսնեի, երբեք չէի մոռանա։

― Լսիր, Խյու, հապա մի նայիր, ― հանկարծ վախեցած շշնջաց Ոսկրոտը։ ― Սա ի՞նչ է, հը։

Նա նստել էր աջ ձեռքի ցուցամատը վեր տնկած։ Մատի շուրջը պտտվում էր հենց այն սպիտակ օղակը, ու Ոսկրոտը աչքերը չռած նայում էր այդ օղակին։

― Նա կանգ չի առնում,― բարձր ասաց Ոսկրոտը, կլոր աչքերը օղակից դարձնելով Խռպոտին ու նորից հակառակը։

― Ի՞նչ է նշանակում՝ կանգ չի առնում, ― զգուշորեն հարցրեց Խռպոտը ու մի կողմ քաշվեց։

― Ես անցկացրի մատիս ու մի անգամ պտտացրի, հենց այնպես։ Ու նա արդեն մի ամբողջ րոպե պտտվում է։

Հանկարծ Ոսկրոտը տեղից վեր թռավ և, մատը տնկած, վազեց վարագույրի հետևը։ Արծաթափայլ օղակը հավասար շադժումով պտտվում էր, ինչպես ինքնաթիռի պրոպելլերը։

― Այդ ի՞նչ բան եք բերել մեզ, ― հարցրեց Խռպոտը։

― Սատանան գիտի, ― ասաց Ռեդրիկը։ ― Ես իսկի չգիտեի էլ։ Որ իմանայի, ավելի շուտ կպոկեի։

Խռպոտը բավականին երկար նայեց նրան, հետո վեր կացավ ու նույնպես չքացավ վարագույրի այն կողմում։ Այնտեղից անմիջապես ձայներ լսվեցին։ Ռեդրիկը մի սիգարետ հանեց, ծխեց, հատակից մի հանդես վերցրեց ու, ցրված, սկսեց թերթել։ Հանդեսը լիքը լցված էր շլացուցիչ գեղեցկուհիներով, բայց, չգիտես ինչու, հիմա սրտախառնոց էր զգում դրանց նայելուց։ Ռեդրիկը ձեռքից գցեց հանդեսն ու հայացքը պտտեցրեց սենյակով մեկ, որ խմելու բան գտնի։ Հետո գրպանից հանեց կապուկն ու սկսեց փողերը հաշվել։ Ամեն ինչ ճիշտ էր, բայց, որպեսզի քունը փախցնի, երկրորդ կապուկն էլ հաշվեց։ Երբ նա փողը դրեց գրպանը, Խռպոտը հետ եկավ։

― Ձեր բախտը բերում է, տղաս, ― հայտարարեց նա, նորից տեղավորվելով Ռեդրիկի դիմաց։ ― Գիտեք, չէ՞, ինչ բան է հավերժական շարժիչը։

― Ոչ, չգիտեմ, ― ասաց Ռեդրիկը։ ― Մենք դա չենք անցել։

― Եվ պետք էլ չի, ― ասաց Խռպոտը։ Նա հանեց ևս մեկ կապուկ թղթադրամ։ ― Սա առաջին նմուշի գինն է, ― ասաց նա, կապուկից պոկելով փաթեթաթուղթը։ Այսպիսի օղակի յուրաքանչյուր նոր նմուշի համար կստանաք երկու այսպիսի կապուկ։ Կհիշե՛ք, տղաս։ Երկո՛ւ։ Բայց մի պայմանով․ բացի մեզնից ոչ մեկը այս օղակների մասին չպետք է իմանա։ Պայմանավորվեցի՞նք։

Ռեդրիկը լուռ գրպանը դրեց կապուկն ու վեր կացավ։

― Ես գնացի, ― ասաց նա։ ― Ե՞րբ և որտե՞ղ հաջորդ անգամ։

Խռպոտը նույնպես վեր կացավ։

― Ձեզ կզանգահարեն, ― ասաց նա։ ― Ամեն ուրբաթ առավոտ իննից մինչև ինն անց կես զանգի սպասեք։ Ձեզ բարև կհաղորդեն Ֆիլ Խյուից ու տեսակցություն կնշանակեն։

― Ռեդրիկը գլխով արեց և քայլեց դեպի դուռը։ Խռպոտը հետևեց Ռեդրիկին, ձեռքը դնելով նրա ուսին։

― Ես կուզեի, որ դուք հասկանաք, ― շարունակեց նա։ ― Այս բոլորը լավ է, շատ լավ է և այլն, և այլն, իսկ «օղակն» ուղղակի հրաշալի է, բայց ամենից առաջ մեզ երկու բան է պետք՝ լուսանկար և լրիվ կոնտեյներ։ Վերադարձրեք մեր ֆոտոապարատը, միայն թե լուսանկարած ժապավենով, ու մեր ճենապակյա կոնտեյները, բայց ոչ թե դատարկ, այլ լիքը, ու դուք էլ երբեք Գոտի գնալու կարիք չեք ունենա։

Ռեդրիկը ուսը ցնցեց, իր վրայից գցեց նրա ձեռքը, դուռը բացեց և դուրս եկավ։ Առանց շրջվելու, քայլեց փափուկ գորգի վրայով, ծոծրակին զգալով կապույտ հրեշտակային աչքերի անթարթ հայացքը։ Նա չսպասեց վերելակին ու ոտքով իջավ ութերորդ հարկից։

Դուրս գալով «Մետրոպոլ» հյուրանոցից, նա տաքսի վերցրեց ու գնաց քաղաքի մյուս ծայրը։ Վարորդն անծանոթ էր, նորեկներից՝ մեծքթանի ու պզուկոտ մի ջահել, մեկը նրանցից, ովքեր վերջերս խելակորույս լցվում են Հարմոնտ՝ անպատմելի արկածներ, անհաշիվ հարստություն, համաշխարհային փառք ու ինչ֊որ հատուկ կրոն գտնելու հույսով։ Լցվելը լցվում էին, բայց դե այդպես էլ մնում էին տաքսու վարորդ, մատուցող, շինարարության բանվոր, դռնպան՝ ընչաքաղց, ագահ, անորոշ ցանկություններով բռնված, աշխարհիս երեսին ամեն ինչից դժգոհ, սոսկալի հուսախաբված և համոզված, որ այստեղ էլ իրենց խաբեցին։ Նրանց կեսը մի երկու ամիս հետո, անիծելով ամեն ինչ ու ամենքին, վերադառնում էր հայրենի տները, իրենց հետ տանելով ու աշխարհով մեկ տարածելով մեծագույն հուսախաբությունը։ Նրանցից միայն շատ քչերն էին դառնում ստալկեր ու շուտով զոհվում էին, այդպես էլ չհասցնելով գլխի ընկնել ինչն ինչոց է։ Իսկ մյուսները իրենց բոլոր երեկոներն անց էին կացնում պանդոկներում, իրար հետ կռվում էին տարբեր հայացքներ ունենալու պատճառով, աղջիկների պատճառով, հենց այնպես, կոնծելուց, լրիվ խելագարեցնելով քաղաքի ոստիկանությանը և հնաբնակներին։

Պզուկոտ վարորդից սոսկալի օղու հոտ էր փչում, աչքերը կարմիր էին, ոնց որ ճագարի աչքեր, նա անասելի գրգռված էր ու միանգամից Ռեդրիկին սկսեց պատմել, որ այսօր առավոտյան իրենց փողոցում մի մեռել է հայտնվել գերեզմանոցից։ Եկել է, ուրեմն, իր տուն, իսկ տունն արդեն մի քանի տարի է փակ է, տնեցիք բոլորը այնտեղից գնացել են․ և՛ նրա պառավ այրին, և՛ աղջիկն ու փեսան, և՛ թոռները։ Հարևաններն ասում են, որ նա մահացել է մի երեսուն տարի առաջ, Այցելությունից առաջ, իսկ հիմա՝ բարև ձեզ, վեր է կացել, եկել։ Ման եկավ, պտտվեց, պտտվեց տան չորս կողմը, հետո նստեց ցանկապատի տակ ու մնաց։ Ամբողջ թաղի ժողովուրդը այդտեղ էր թափվել՝ նայում են նրան, բայց դե վախենում են մոտենալ։ Հետո ինչ֊որ մեկը գլխի ընկավ, ջարդեց նրա տան դուռը, ուրեմն դուռը բացեցին, որ նա մտնի իր տունը։ Ու ի՞նչ եք կարծում։ Նա վերցրեց ու ներս մտավ, դուռն էլ փակեց հետևից։ Ես աշխատանքից ուշանում էի, ու հիմա չգիտեմ, թե ինչով այդ ամենը վերջացավ, միայն մի բան գիտեմ, ուզում էին ինստիտուտ զանգ տալ, որ գան տանեն մեր թաղից, գրողի ծոցը տանեն։

― Կանգնիր, ― ասաց Ռեդրիկը։ ― Հենց այստեղ։

Նա ձեռքը տարավ գրպանը։ Մանր չկար, ստիպված եղավ մանրել նոր ստացած թղթադրամը։ Հետո սպասեց դարպասի մոտ, մինչև որ տաքսին գնաց։ Գիշակերի տունը վատը չէր․ երկու հարկ, ապակեպատ կցաշենք՝ բիլիարդանոցով, լավ մշակված այգի, ծաղկանոց, խնձորենիների մեջ՝ սպիտակ տաղավար։ Ու այս բոլորի շուրջը՝ նախշազարդ երկաթե ճաղեր, որոնք ներկված էին բաց կանաչ յուղաներկով։ Ռեդրիկը մի քանի անգամ սեղմեց զանգի կոճակը։ Դարպասը թեթև ճռռոցով բացվեց, ու Ռեդրիկը դանդաղ քայլեց ավազե շավիղով, որը երկու կողմից եզերված էր վարդի թփերով, իսկ տան առաջ արդեն կանգնած էր Փորսուղը՝ ծռմռված, սև ու կարմիր, և ամբոցջ մարմնով դողում էր ծառայելու ցանկությունից։ Անհամբերությունից նա շրջվեց կողքի, ջղաձգորեն հենարան փնտրելով, ոտքը դրեց աստիճանին, ապա սկսեց ձգել երկրորդ ոտքը, և այդ ընթացքում առողջ ձեռքը անընդհատ թափահարում էր Ռեդրիկի կողմը, իբր հիմա գալիս եմ, հիմա․․․

― Հե՜յ, Շեկ, ― այգուց կանչեց նրան կանացի մի ձայն։

Ռեդրիկը գլուխը շրջեց և խոտերի մեջ, տաղավարի սպիտակ, նախշավոր տանիքի մոտ տեսավ հոլանի թուխ ուսերը, վառ կարմիր բերանը և իրեն կանչող ձեռքը։ Նա գլխով բարևեց Փորսուղին, թեքվեց շավիղից ու ճանապարհ բացելով վարդի թփերի միջով, փափուկ խոտերի վրայով ուղիղ գնաց դեպի տաղավարը։

Կանաչ մարգագետնում փռված էր հսկայական կարմիր ներքնակ, իսկ ներքնակի վրա, բաժակը ձեռքին, գրեթե անտեսանելի լողազգեստով բազմել էր Դինա Բարբրիջը։ Նրա կողքին ընկած էր վառվռուն կազմով մի գիրք, ու հենց այստեղ էլ, թփի տակ, ստվերում, դրված էր սառույցով լի մի դույլ, որի միջից դուրս էր ցցված մի երկար շիշ։

― Բարև, Շեկ, ― ասաց Դինա Բարբրիջը, բաժակով ողջունելով նրան։ ― Իսկ ո՞ւր է հայրիկս։ Չլինի՞ էլի բռնվել է։

Ռեդրիկը մոտեցավ և, պայուսակը տանելով հետևը, կանգնեց ու վերևից ներքև նայեց նրան։ Այո, Գիշակերը չտեսնվա՜ծ երեխաներ ուներ։ Դինան ամբողջովին մետաքս էր, փարթամ ու շքեղ, առանց մի թերության, առանց մի ավելորդ ծալքի՝ քսանամյա հարյուր հիսուն ֆունտ գայթակղիչ միս ու արյուն, ու նաև ներսից կրակվող, ցոլցլուն զմրուխտյա աչքեր, ու նաև մեծ, խոնավ բերան և հավասար սպիտակ ատամներ, ու նաև սևաթույր մազեր, որ փայլում էին արևի տակ ու անփույթ թափված էին մի ուսի վրա, ու արևն էլ ասես խաղում էր նրա մարմնի վրա՝ ուսերից իջնելով փորին ու ազդրերին, ստվերներ թողնելով գրեթե մերկ կրծքերի արանքում։ Ռեդրիկը կանգնել էր աղջկա գլխավերևում և անսքող նայում֊տնտղում էր նրան, իսկ նա Ռեդրիկին էր նայում ներքևից վերև, քմծիծաղում՝ ամեն ինչ հասկանալով, հետո բաժակը մոտեցրեց շուրթերին ու մի քանի կում արեց։

― Ուզո՞ւմ ես, ― ասաց Դինան, լպստելով շրթունքները, և սպասելով ճիշտ այնքան, որ երկիմաստությունը հասկացվի, բաժակը մեկնեց նրան։

Ռեդրիկը շրջվեց նրանից, աչքերով փնտրեց և ստվերում մի ճոճաթոռ գտավ, նստեց ու ոտքերը առաջ պարզեց։

― Բարբրիջը հիվանդանոցում է, ― ասաց նա։ ― Ոտքերը պիտի կտրեն։

Շարունակելով ժպտալ, Դինան նրան էր նայում մի աչքով, մյուսը ծածկված էր մազերի խիտ ալիքով, որ ընկել էր ուսին, միայն թե ժպիտը անշարժացավ, սառեց թուխ դեմքի վրա։ Հետո նա մեքենաբար շարժեց բաժակը, ասես ականջ դնելով սառույցների զնգոցին, ու հարցրեց․

― Երկո՞ւ ոտքը։

― Երկուսը։ Միգուցե մինչև ծնկները, իսկ գուցեև ավելի վերևից։

Դինան ցած դրեց բաժակը ու մազերը հեռացրեց դեմքից։ Նա այլևս չէր ժպտում։

― Ափսոս, ― ասաց նա։ ― Ւսկ դու, ուրեմն․․․

Ռեդրիկը հենց նրան՝ Դինա Բարբրիջին, կարող էր մանրամասն պատմել, թե դա ինչպես է եղել և ինչ էր պատահել։ Երևի նա կարող էր Դինային պատմել նույնիսկ, թե ինքը ինչպես վերադարձել էր մեքենայի մոտ, ձեռքում պահած կաստետը, ու ինչպես Բարբրիջը աղաչեց ոչ այնքան իր կյանքի համար, որքան հանուն իր զավակների՝ հանուն Դինայի և Արչիի, չթողնել իրեն, և նույնիսկ խոստացավ Ոսկե գունդը։ Բայց նա ոչ մի բան չպատմեց։ Առանց խոսելու ձեռքը տարավ ծոցը, մի կապուկ թղթադրամ հանեց ու նետեց կարմիր ներքնակի վրա, ուղիղ Դինայի երկար ու մերկ ոտքերի տակ։ Թղթադրամները ծիածանագույն հովհարի պես շաղ եկան։ Դինան ցրված վերցրեց մի քանի հատ ու սկսեց ուշադիր նայել, ասես առաջին անգամ է տեսնում, բայց առանձնապես չի հետաքրքրվում։

― Ուրեմն, վերջին ռոճիկն է, ― ասաց նա։

Ռեդրիկը ձգվեց իր ճոճաթոռից, հասավ դույլին, վերցրեց նրա միջից շիշը հեռացրեց իրենից, որ անդրավարտիքը չթրջի։ Նա չէր սիրում թանկ վիսկի, բայց հիմա դա էլ կարելի էր խմել։ Եվ արդեն շիշը դնում էր բերանին, երբ նրան կանգնեցրին թիկունքից լսվող անհասկանալի, բողոքող ձայները։ Ռեդրիկը շրջվեց և տեսավ, որ մարգագետնի միջով, ցավագին շարժելով ծուռտիկ ոտքերը, այստեղ է շտապում Փորսուղը՝ երկու ձեռքով բռնած թափանցիկ խառնուրդով բաժակը։ Քրտինքը կարկուտի պես գլորվում էր նրա սև ու բոսորագույն դեմքի վրայով, արյունով լցված աչքերը դուրս էին պրծել խոռոչներից, և տեսնելով, որ Ռեդրիկը նայում է իրեն, նա հուսահատությունից գլուխը կորցրած առաջ մեկնեց բաժակը և նորից չգիտես բառաչեց, թե ոռնաց, անզոր ու լայն բացելով անատամ բերանը։

― Սպասում եմ, սպասում, ― ասաց նրան Ռեդրիկը և շիշը նորից դրեց դույլի մեջ։

Վերջապես Փորսուղը լնգլնգալով մոտեցավ Ռեդրիկին, բաժակը տվեց նրան ու վեհերոտ մտերմությամբ չանչավոր ձեռքով թփթփացրեց նրա ուսին։

― Շնորհակալություն, Դիքսոն, ― լրջորեն ասաց Ռեդրիկը։ ― Սա հենց այն էր ինչ հիմա ինձ պետք էր։ Դու, ինչպես միշտ, գտնվեցիր բարձրության վրա, Դիքսոն։

Եվ մինչ շփոթված ու շոյված Փորսուղը թափահարում էր գլուխը և առողջ ձեռքով խփում էր իր ազդրին, Ռեդրիկը հանդիսավորությամբ բարձրացեց բաժակը, աչքով արեց նրան ու մի շնչով խմեց կեսը։ Հետո նայեց Դինային։

― Ուզո՞ւմ ես, ― ասաց նա, ցույց տալով բաժակը։

Դինան չպատասխանեց։ Նա դրամները բաժանեց երկու մասի, հետո էլի երկու, և նորից երկու մասի․․․

― Վերջ տուր, ― ասաց Ռեդրիկը։ ― Սոված չեք մնա․․․

Դինան ընդհատեց նրան։

― Իսկ դու, ուրեմն, նրան շալակած բերել ես, ― ասաց աղջիկը։ Նա հարց չէր տալիս, նա հաստատում էր։ ― Քարշ ես տվել նրան, հիմա՛ր, ամբողջ Գոտով մեկ, շեկ ապուշ, շալակած բերել ես այդ սրիկային, փսլնքոտ։ Այդպիսի առիթը․․․

Ռեդրիկը նայում էր Դինային, մոռացած բաժակի մասին, իսկ նա տեղից վեր կացավ և քայլելով չորս կողմը սփռված թղթադրամների վրայով, կանգնեց Ռեդրիկի դիմաց, սեղմված բռունցքները պիրկ կոնքերին դրած, ու օծանելիքով և քաղցր քրտինքով բուրող իր հրաշագեղ մարմնով մեկուսացրեց նրան մնացյալ աշխարհից։

― Նա ձեզ բոլորիդ՝ ապուշներիդ, մատի վրա խաղացնում է․․․ Ձեր անուղեղ գլուխները ոնց ուզում պտտեցնում է․․․ Սպասիր, սպասիր, նա հենակներով էլ կտրորի ձեր գանգերը, նա դեռ ձեզ ցույց կտա եղբայրական սեր ու գութ։ ― Դինան համարյա գոռում էր։ ― Ո՜նց չէ, Ոսկե գունդ է քեզ խոստացել։ Քարտե՜զ, ծուղակնե՜ր, չէ՞։ Հիմա՛ր։ Ապո՛ւշ։ Քո չեչոտ դեմքից եմ տեսնում, որ խոստացել է․․․ Սպասիր, նա դեռ կտա քեզ քարտեզը, ո՜նց չէ, կտա․․․ Նա շեկ ապուշ Ռեդրիկ Շուխարտի հոգեհանգիստը կտեսնի․․․

Այսժամ Ռեդրիկը առանց շտապելու վեր կացավ ճոճաթոռից ու մի ուժգին ապտակ հասցրեց նրան, ու նա լռեց խոսքի կեսին, հնձվածի պես ընկավ խոտերի վրա ու դեմքը ծածկեց ձեռքերով։

― Հիմա՛ր․․․ շե՛կ․․․ ― անընդհատ կրկնում էր Դինան։ ― Այսպիսի առիթը բաց թողնել․․․ այսպիսի առիթը․․․

Ռեդրիկը վերից վար նայելով նրան, դատարկեց բաժակն ու, առանց շրջվելու, տվեց Փորսուղին։ Այստեղ այլևս ոչ մի ասելիք չկար։ Լավ երեխեք է վաստակել իր համար Գիշակեր Բարբրիջը Գոտում։ Ծնողին սիրող ու հարգող զավակներ։

Ռեդրիկը դուրս եկավ փողոց, մի տաքսի կանգնեցրեց ու վարորդին պատվիրեց իրեն տանել «Բորժչ»։ Հարկավոր էր վերջացնել այս բոլոր գործերը։ Անտանելի քնել էր ուզում, աչքերի առջև ամեն ինչ լողում էր, և նա, այնուամենայնիվ, քնեց, ամբողջ մարմնով ընկնելով պայուսակի վրա, ու զարթնեց միայն այն ժամանակ, երբ վարորդը սկսեց ցնցել նրա ուսը։

― Հասանք, միստր․․․

― Ոչ, միստր, ― առարկեց վարորդը։ ― «Բորժչ» եք ուզել, ես էլ բերել եմ։

― Լավ, ― ասաց Ռեդրիկը։ ― Երազ էի տեսնում։

Նա վճարեց ու դուրս եկավ մեքենայից, հազիվհազ շարժելով այտուցված ոտքերը։ Արևն արդեն շիկացրել էր ասֆալտը, ու սոսկալի շոգ էր։ Ռեդրիկը զգաց, որ ոտից գլուխ քրտնել է, բերանում զզվելի համ է, աչքերը փակվում են։ Նախքան պանդոկ մտնելը նա մի հայացք գցեց շուրջը։ Ինչպես միշտ այս ժամին «Բորժչի» փողոցն ամայի էր։ Դիմացի գինետները դեռ փակ էին, ասենք «Բորժչ» էլ դեռ չէր բացվել, բայց Էռնեստն արդեն իր տեղում էր՝ բաժակներն էր սրբում, մռայլ հայացքը անկյունի սեղանի մոտ գարեջուր լակող երեք տիպերի կողմը։ Մյուս սեղանների վրայից դեռ չէին վերցրել շրջված աթոռները, ապիտակ բաճկոնով անծանոթ նեգրը հատակն էր փայլեցնում, մի ուրիշ նեգր էլ Էռնեստի հետևում գարեջրի շշերով արկղերն էր դասավորում։ Ռեդրիկը մոտեցավ վաճառասեղանին, պայուսակը դրեց դեմը ու բարևեց։ Էռնեստը փնթփնթաց քթի տակ։

― Գարեջուր լցրու, ― ասաց Ռեդրիկը և ջղաձգորեն հորանջեց։

Էռնեստը դատարկ բաժակը շրխկոցով դրեց վաճառասեղանին, սառնարանից մի շիշ հանեց, բացեց ու թեքեց բաժակի վրա։ Ռեդրիկը, ափով բերանը փակելով, նայում էր նրա ձեռքին։ Ձեռքը դողում էր։ Շշի բերանը մի քանի անգամ զրնգոցով կպավ բաժակի եզրին։ Ռեդրիկը նայեց Էռնեստի ծանր կոպերն իջած էին, փոքրիկ բերանը ծռված էր, հաստ թշերը կախ էին ընկել։ Նեգրը ավելը քստքստացնում էր Ռեդրիկի ոտքերի տակ, անկյունում նստածները աղմկոտ վիճում էին ձիարշավի մասին, արկղեր տեղափոխող նեգրը հետևով այնպես կպավ Էռնեստին, որ վերջինս քիչ մնաց ընկներ։ Նեգրը ներողություն խնդրեց։ Էռնեստը ընկճված ձայնով հարցրեց․

― Բերե՞լ ես։

― Ի՞նչ պիտի բերեի։ ― Ռեդրիկը ուսի վրայով մի հայացք գցեց շուրջը։

Տիպերից մեկը ծուլորեն վեր կացավ սեղանի մոտից, գնաց դեպի դուռը, կանգնեց շեմին ու սիգարետ վառեց։

― Գնանք խոսենք, ― ասաց Էռնեստը։

Ավելով նեգրը հիմա նույնպես կանգնած էր Ռեդրիկի ու դռան արանքում։ Շատ հաղթանդամ նեգր էր, ոնց որ Գուտալինը, միայն թե երկու անգամ լայն։

― Գնանք, ― ասաց Ռեդրիկը ու պայուսակը վերցրեց։ Քունը լրիվ փախել էր նրա աչքերից։

Նա մտավ վաճառասեղանի հետևը և մի կերպ անցավ գարեջրի արկղերը քաշքշող նեգրի մոտով։ Երևում է, նեգրը ցավացրել էր մատը ու հիմա լիզում էր եղունգը, աչքի պոչով տնտղելով Ռեդրիկին։ Սա էլ շատ ամրակազմ նեգր էր՝ ջարդված քթով ու տափակած ականջներով։ Էռնեստը գնաց հետնասենյակ, ու Ռեդրիկը հետևեց նրան, որովետև հիմա արդեն այն երեքը կանգնած էին մուտքի մոտ, իսկ ավելով նեգրը հայտնվեց դեպի պահեստ տանող դռան մոտ։

Հետնասենյակում Էռնեստը գնաց դեպի անկյունը և, կռանալով, նստեց պատի տակ դրված աթոռին, իսկ սեղանի մոտից վեր կացավ դեղնած ու վշտահար կապիտան Քվոտերբլադը, ձախ կողմից էլ ծլեց սաղավարտը մինչև աչքերը իջեցրած մի աժդահա՝ ՄԱԿ֊ի ներկայացուցիչը, իսկույն բռնեց Ռեդրիկի գոտկատեղից ու վիթխարի ափերով սկսեց շոշափել նրա գրպանները։ Աջ գրպանի մոտ նա դադար տվեց, հանեց կաստետն ու Ռեդրիկին հրեց կապիտանի կողմը։ Ռեդրիկը մոտեցավ սեղանին ու պայուսակը դրեց կապիտան Քվոտերբլադի առաջ։

― Լավ գործ արիր, տականք, ― ասաց նա Էռնեստին։

Էռնեստը վհատ շարժեց հոնքերն ու վեր քաշեց մի ուսը։ Ամեն ինչ պարզ էր։ Դռների մեջ արդեն կանգնած էին երկու ներգրերը ու քթների տակ ծիծաղում էին, ուրիշ դուռ չկար, իսկ պատուհանը փակ էր և դրսից պատված էր պինդ ճաղերով։

Զզվանքից ծամածռելով դեմքը, կապիտան Քվոտերբլադը երկու ձեռքը մտցնում էր պայուսակի մեջ ու այնտեղից հանածը դնում սեղանին․ երկու հատ փոքր «փուչիկ», ինը հատ «մարտկոց», տարբեր չափերի տասնվեց հատ «սև ցայտ», պոլիէթիլենի տոպրակով երկու հատ հրաշալի պահպանված «սպսունգ», մի բանկա «գազով կավ»․․․

― Գրպաններումդ բան կա՞, ― կամացուկ հարցրեց կապիտանը։ ― Հանիր․․․

― Իժեր, ― ասաց Ռեդրիկը։ ― Սողուններ․․․

Նա ձեռքը մտցրեց ծոցը ու սեղանին շպրտեց փողերի կապուկը։ Թղթադրամները շաղ եկան սենյակով մեկ։

― Օհո՜, ― ասաց կապիտան Քվոտերբլադը։ ― Էլի՞ կա։

― Հոտած դոդոշնե՜ր, ― գոռաց Ռեդրիկը, գրպանից հանեց երկրորդ կապուկն ու շպրտեց իր ոտքերի տակ։ ― Զխտկվե՛ք։ Լափե՛ք։

― Շա՜տ հետաքրքիր է, ― հանգիստ ասաց կապիտան Քվոտերբլադը։ ― Իսկ հիմա այս բոլորը հավաքիր։

― Աստված ողորմած է, ― պատասխանեց Ռեդրիկը, ձեռքերը դնելով մեջքին։ ― Քո նոքարները թող հավաքեն։ Դու հավաքի։

― Փողերը հավաքիր, ստալկեր, ― առանց ձայնը բարձրացնելու ասաց Քվոտերբլադը, բռունցքներով սեղանին հենված ու ամբողջ մարմնով առաջ հակված։

Նրանք մի քանի վայրկյան լուռ նայում էին իրար աչքերի մեջ, հետո Ռեդրիկը, քթի տակ հայհոյելով, դժկամորեն պպզեց ու սկսեց հավաքել փողերը։ Նրա հետևում կանգնած նեգրերը հռհռացին, Մակ֊ի ներկայացուցիչը չարախնդորեն փնչացրեց։

― Հեյ, մի՛ փնչացրու, ― ասաց նրան Ռեդրիկը, ― փսլինքդ կթափվի։

Նա արդեն ծնկաչոք էր սողում մեկ֊մեկ հավաքելով փողերը, ավելի ու ավելի մոտենալով պղնձե մուգ օղակին, որը հանգիստ ընկած էր պարկետի կեղտոտ փորվածքում։ Նա անընդհատ գոռգոռում էր ու թունդ հայհոյանքներ թափում բերանից, գոռում էր իր հիշած բոլոր հայհոյանքները, տեղնուտեղը հորինում նորերը, իսկ երբ վրա հասավ ցանկալի պահը, լռեց, լարվեց, բռնեց օղակից, ամբողջ ուժով վեր նետեց, ու լյուկի բացված կափարիչը դեռ չէր հասցրել շրխկալ հատակին, երբ նա, ձեռքերն առաջ պարզած, գլխիվայր սուզվեց մառանի խոնավ ու սառը խավարի մեջ։

Նա ընկավ ձեռքերի վրա, գլուխկոնծի տվեց, վեր թռավ ու, կռանալով, առաջ նետվեց՝ ոչ մի բան չտեսնելով, հույսը դնելով սոսկ հիշողության վրա, ցնցելով ու շարժելով իրար վրա շարված արկղերը, որոնք աղմուկով շուռ էին գալիս նրա անցնելուց հետո, սայթաքելով ու խարխափելով վեր բարձրացավ անտեսաներլի աստիճաններով, մարմնի ուժգին հարվածով տեղից հանեց թիթեղով պատված դուռը ու հայտնվեց Էռնեստի գարաժում։ Նա ամբողջ մարմնով դողում էր ու հեվիհև շնչում, աչքերի առջև լողում էին արյունոտ օղակներ, սիրտը ծանր ու ցավոտ թպրտում էր կոկորդի մոտ, բայց նա ոչ մի վայրկյան կանգ չէր առնում։ Նա իսկույն նետվեց գարաժի ծայրի անկյունը և, ձեռքերը քերծելով, սկսեց դեսուդեն թափել հին ու ջարդված իրերի կույտը, որի հետևի պատի մի քանի տախտակները վաղուց ջարդված էին։ Հետո պառկեց փորի վրա ու դուրս սողաց այդ անցքով, լսելով ինչպես է ճտճտալով պատռվում պիջակը, և արդեն բակում, որ նեղ էր ջրհորի պես, նստեց աղբարկղերի արանքում, հանեց պիջակը, վզից պոկեց փողկապը, արագ տնտղեց իրեն, թափ տվեց շալվարի փոշին, ուղղվեց և, վազելով բակի միջով, մտավ հարևան բակը տանող ցածր ու գարշահոտ թունելը։ Վազելու ընթացքում նա անընդհատ ականջ էր դնում, բայց պարեկային շչակների ոռնոցը չէր լսվում, ու ավելի արագ վազեց, վախեցնելով երեխաներին, սուզվելով պարաններից կախված լվացքի տակ, խցկվելով փտած ցանկապատերի արանքով, ճգնելով ավելի շուտ դուրս գալ այս թաղամասից, քան կապիտան Քվոտերբլադը կհասցներ շրջապատել։ Նա շատ լավ գիտեր այս տեղերը։ Երբ դեռ փոքր տղա էր, իր հասակակիցների հետ խաղում էր այս բակերում, նկուղներում, նախկին լվացքատներում, ածխի պահեստներում, ու նա ամեն տեղ ծանոթներ ուներ ու նույնիսկ ընկերներ, մի ուրիշ դեպքում նա շատ հեշտությամբ կարող էր թաքնվել այստեղ թեկուզ մի ամբողջ շաբաթ, բայց նա դրա համար այսպես հանդգնաբար չփախավ կապիտան Քվոտերբլադի քթի տակից, միանգամից վաստակելով նաև հավելյալ տասներկու ամիս։ Բախտը ժպտում էր նրան։ Յոթերորդ փողոցում աղմուկով֊աղաղակով և փոշու ամպեր բարձրացնելով առաջ էր գնում ինչ֊որ թափոր, մոտ երկու հարյուր մարդ, բզկտված ու ճմրթված, ինչպես ինքը, ու նույնիսկ ավելի վատ տեսքով, ասես նրանք բոլորը նույնպես մտել էին ցանկապատների արանքներն ու իրենց վրա շրջել աղբարկղերը, կամ էլ գիշերն անց էին կացրել ածխի պահեստում։ Նա դուրս եկավ բակից, միանգամից խռնվեց ամբոխին և, հրմշտելով, տրորելով սրա֊նրա ոտքերը, վզակոթին հարված ստանալով ու ինքն էր հասցնելով, դուրս եկավ փողոցի մյուս կողմը և նորից մտավ բակ հենց այն պահին, երբ առջևում լսվեց պարեկային մեքենայի նողկալի ու ծանոթ ոռնոցը, ու թափորը կանգ առավ՝ հարմոնի պես սեղմվելով։ Բայց հիմա նա ուրիշ թաղում էր, ու կապիտան Քվոտերբլադը չէր կարող իմանալ, թե հատկապես որ թաղում։

Ռեդրիկն իր գարաժի մոտ դուրս եկավ ռադիոապրանքների պահեստի կողմից, ու ստիպված եղավ սպասել, մինչև որ բանվորները բեռնատարից իջեցրին հսկայական ստվարաթղթե տուփերով հեռուստացույցները։ Նա տեղավորվեց հարևան տան պատի տակ աճած եղրևանու չորացած թփերի ստվերում, շունչը տեղը բերեց ու մի սիգարետ վառեց։ Նա ագահորեն ծխում էր, պատի տակ պպզած, մերթ ընդ մերթ շփելով դեմքը, որ մեղմացնի ջղային ցնցումը, ու մտածում էր, մտածում։ Իսկ երբ վիթխարի բեռնատարը բանվորների հետ միասին դուրս եկավ դարպասից, նա ծիծաղեց ու կամաց ասաց․ «Շնորհակալություն տղերք, տխմարիս պահեցիկ․․․ թողեցիկ, որ մտածեմ»։ Այդ պահից նա սկսեց արագ գործել, բայց առանց հապճեպության, ճարպկորեն, կշռադատված, ասես Գոտում լիներ։ Ծածուկ անցքի միջով նա մտավ իր գարաժը, անաղմուկ տեղից վերցրեց մեքենայի հին նստատեղը, ձեռքը մտցրեց զամբյուղի մեջ ու այնտեղից փաթեթը հանեց ու դրեց ծոցը։ Հետո վերցրեց մեխից կախված հնամաշ կաշվե բաճկոնը, անկյունում գտավ հին գլխարկը ու երկու ձեռքով դրեց գլխին և քաշեց մինչև ճակատը։ Դռան ճեղքերից արևի բարակ շողերն ընկնում էին կիսամութ գարաժը, բակում ուրախ խաղում ու ճվճվում էին երեխաները և, երբ արդեն պատրաստվում էր գնալ, հանկարծ լսեց աղջկա ձայնը։ Ռեդրիկը աչքը կպցրեց ամենալայն ճեղքին ու տեսավ, ինչպես Կապիկը, թափահարելով երկու փուչիկները, վազվզում էր նոր ճոճանակի շուրջը, իսկ երեք պառավ հարևանուհիները նստել էին նստարանին և, ծնկներին դրած թելի կծիկներն ու շյուղերը, դժգոհ տեսքով նայում են նրան։ Մտքեր են փոխանակում պառավ վհուկները։ Իսկ երեխաները ոչինչ, խաղում են նրա հետ, ասես ոչինչ չի եղել, հո իզուր չէ ինքն այդքան քծնում՝ էլ ինչ ասես, որ չի սարքել նրանց համար՝ և փայտե բլրակ, և տիկնիկի տնակ, և ճոճանակ․․․ և այս նստարանը, որի վրա հիմա նստած են պառավ վհուկները։ «Լավ», ― ասաց նա, հազիվ շարժելով շրթունքները, հեռացավ ճեղքից, վերջին անգամ նայեց գարաժին ու դուրս եկավ գաղտնի անցքից։

Քաղաքի հարավարևմտյան ծայրամասում, լքված բենզինակայանի մոտ, որը գտնվում էր Հանքափորների փողոցի վերջում, կար մի ավտոմատ հեռախոս։ Աստծուն է հայտնի, թե հիմա ով է օգտվում այդ հեռախոսից, չորս կողմը լքված տներ են, իսկ դեպի հարավ տարածվել էր նախկին աղբանոցը։ Ռեդրիկը նստեց հեռախոսախցիկի ստվերում, ուղղակի գետնին, և ձեռքը մտցրեց խցիկի տակի անցքը։ Նա շոշափեց փողերը, յուղոտ թուղթն ու ատրճանակի կոթը, որ փաթաթված էր այդ թղթի մեջ։ Ցինկապատ տուփը, որի մեջ դրված էին փամփուշտները, նույնպես տեղում էր, ինչպես և «ապարանջաններով» տոպրակն ու կեղծած փաստաթղթերը․ թաքստոցին ոչ ոք ձեռք չէր տվել։ Նա հագից հանեց կաշվե բաճկոնը, գլխարկը ու ձեռքը տարավ ծոցը։ Մի րոպե նստած մնաց, ձեռքում տնտղելով ճենապակյա փոքրիկ բալոնը, որի ներսում անհաղթահարելի ու անդառնալի մահն էր ամփոփված։ Ու հանկարծ նորից զգաց, թե ինչպես է ջղաձգվում դեմքը։

― Շուխարտ, ― շշնջաց նա, չլսելով սեփական ձայնը։ ― Ի՞նչ ես անում, սրիկա։ Տականք, ախր նրանք սրանով մեզ բոլորիս կսպանեն։ Նա մատներով սեղմեց ջղաձգվող այտը, բայց դա չօգնեց։ ― Իժեր, ― ասաց նա հեռուստացույցները բեռնատարի վրա դնող բանվորեների հասցեին։ ― Ինչու իմ դեմս ելաք․․․ Թե չէ էս զզվանքը կշպրտեի նորից Գոտի, ու ամեն ինչ տեղը կընկներ։

Նա տխուր նայեց շուրջը։ Ճաքճքած ասֆալտի վերևում դողդողում էր տաք օդը, մռայլ նայում էին մեխված պատուհանները, ամայի աղբանոցում օրորվում էին փոշու հատիկները։ Նա մենակ էր։

― Լավ, ― վճռականորեն ասաց Ռեդրիկը։ ― Ամեն մարդ իր համար է, միայն աստված է բոլորի համար։ Մեզ հերիք է․․․

Հապճեպորեն, որ նորից միտքը չփոխի, նա բալոնը դրեց գլխարկի մեջ, իսկ գլխարկն էլ փաթաթեց բաճկոնի մեջ։ Հետո ծնկեց և, ուժ տալով, խցիկը մի քիչ շարժեց տեղից։ Հաստ փաթեթն ընկավ փոսի մեջ, ու դեռ էլի ազատ տեղ մնաց։ Նա դանդաղորեն տեղն իջեցրեց խցիկը, հետո վեր կացավ ու մաքրեց ափերը։

― Եվ վերջ, ― ասաց նա։ Էլ ոչ մի բան։

Նա մտավ խցիկի խեղդող տոթի մեջ, մանր դրամը գցեց ու համարը հավաքեց։

― Գուտա, ― ասաց նա։ ― Խնդրում եմ, մի՛ անհանգստանա։ Ես էլի բռնվել եմ։ ― Նա լսեց, ինչպես Գուտան շնչահեղձ լինելով տնքաց, ու շտապեց ասել․ ― Եղածը հեչ բան է, մի վեց֊ութ ամիս․․․ տեսակցություններով․․․ Ոչինչ, կդիմանանք։ Իսկ դու առանց փող չես մնա, փող կուղարկեմ քեզ․․․ Գուտան ոչ մի ձայն չէր հանում։ ― Վաղն առավոտյան քեզ պարեկատուն կկանչեն, ու այնտեղ մենք կհանդիպենք։ Կապիկին կբերես հետդ։

― Տունը չե՞ն խուզարկելու, ― հարցրեց Գուտան։

― Խուզարկում են՝ թող խուզարկեն։ Տանը բան չկա։ Ոչինչ, քեզ պինդ պահիր։ Ստալկերի հետ ես ամուսնացել, ուրեմն պիտի դիմանաս։ Դե լավ, մինչև վաղը։ Հա, նկատի ունեցիր, որ ես քեզ զանգ չեմ տվել։ Համբուրում եմ քթիկդ։

Նա կտրուկ կախեց լսափողը ու մի քանի վայրկյան կանգնած մնաց, աչքերը պինդ կկոցած ու ատամներն այնպես ուժեղ սեղմած, որ ականջներում զնգոց լսեց։ Հետո նորից մանր գցեց ավտոմատի մեջ ու մի ուրիշ համար հավաքեց․

― Լսում եմ ձեզ, ― ասաց խռպոտը։

― Շուխարտն է խոսում, ― ասաց Ռեդրիկը։ ― Ուշադիր լսեք և մի՛ ընդհատեք։

― Շուխա՞րտը, ― շատ բնական զարմացավ Խռպոտը։ ― Ի՞նչ Շուխարտ։

― Ասացի՛ մի ընդհատեք։ Ես բռնվեցի, հետո փախա, հիմա գնում եմ հանձնվեմ։ Ինձ մի երկու֊երեք տարի կտան։ Կինս կմնա առանց փողի։ Դուք պետք է ապահովեք նրան, որ ոչ մի բանի կարիք չունենա, լա՞վ։ Հասկանալի՞ է, ես ձեզ եմ հարցնում։

― Շարունակեք, ― ասաց Խռպոտը։

― Առաջին անգամ մեր հանդիպած տեղից քիչ հեռու կա մի հեռախոսախցիկ։ Այնտեղ ընդամենը այդ մի հեռախոսն է, էնպես որ չեք շփոթի։ Ճենապակին դրա տակ է։ Կուզեք՝ վերցրեք, կուզեք՝ թող մնա, բայց իմ կինը ոչ մի բանի կարիք չպետք է ունենա։ Մենք դեռ միասին շատ պիտի աշխատենք։ Իսկ եթե վերադառնամ ու իմանամ, որ դուք խարդախություն եք արել․․․ Ես ձեզ խորհուրդ չէի տա խարդախություն անել։ Հասկացա՞ք։

― Ես ամեն ինչ հասկացա, ― ասաց Խռպոտը։ ― Շնորհակալություն։ ― Հետո, մի քիչ սպասելով, հարցրեց։ ― Միգուցե դատապաշտպան բերեմ։

― Չէ, ― ասաց Ռեդրիկը։ ― Բոլոր փողերը, մինչև վերջին գրոշը, կտաս կնոջս։ Ողջույն։

Նա կախեց լսափողը, մի հայացք գցեց շուրջը, ձեռքերը խոր մտցրեց անդրավարտիքի գրպանները և դանդաղ քայլեց Հանքափորների փողոցով, ամայի, դուռ ու պատուհան մեխված տների մոտով։

3. Ռիչարդ Նունան, 51 տարեկան, Արտերկրային կուլտուրաների միջազգային ինստիտուտի Հարմոնտի մասնաճյուղին էլեկտրոնային սարքավորումներ մատակարարողների ներկայացուցիչ

Ռիչարդ Հ․ Նունանը նստած էր աշխատասենյակում, սեղանի առաջ, ու իր վիթխարի նոթատետրում սատանաներ էր խզբզում։ Նա կարեկցաբար ժպտում էր, տմբտմբացնում էր ճաղատ գլուխը և չէր լսում այցելուին։ Պարզապես նա զանգի էր սպասում, իսկ այցելուն՝ դոկտոր Պիլմանը, ծուլորեն նկատողություն էր անում նրան։ Կամ էլ երևակայում էր, թե նկատողություն է անում։ Կամ էլ ուզում էր ինքն իրեն հավատացնել, որ նկատողություն է անում նրան։

― Մենք այդ բոլորը հաշվի կառնենք, ― ասաց վերջապես Նունանը, նկարեց տասներորդ սատանային, որ կլոր հաշիվ ստացվի, ու աղմուկով փակեց նոթատետրը։ ― Իսկապես որ այլանդակություն է․․․

Վալենտինը առաջ պարզեց բարակ ձեռքը և մոխիրը շատ ուշադիր թափ տվեց մոխրամանի մեջ։

― Իսկ հատկապես ի՞նչը հաշվի կառնեք, ― քաղաքավարի տեղեկացավ նա։

― Այն ամենը, ինչ դուք ասացիք, ― ուրախ պատասխանեց Նունանը։ ― Ինչ էլ որ դուք ասեք, ամեն ինչ հաշվի կառնենք։

Վալենտինը (դոկտոր Վալենտին Պիլմանը, Նոբելյան մրցանակի դափնեկիր և նման այլուայլ բաներ) նստած էր նրա դիմացի խոր բազկաթոռին․ նա փոքրամարմին էր, կոկիկ, նրբագեղ, կաշվե բաճկոնի վրա ոչ մի բիծ չկար, անդրավարտիքի վրա՝ ոչ մի ծալք, շլացուցիչ սպիտակ վերնաշապիկ, միագույն, խիստ ոճի փողկապ, փայլուն կոշիկներ, բարակ, անգույն շրթունքների վրա խայթիչ ժպիտ, հսկայական սև ակնոցը թաքցնում էր նրա աչքերը, լայն ու ցածր ճակատը եզերված էր կարճ խուզած սև ու ցից մազերով։

― Ըստ իս, ձեզ իզուր են այդպիսի ֆանտաստիկ աշխատավարձ տալիս, Դիկ, ― ասաց նա։ ― Ավելին, իմ կարծիքով, դուք նաև սաբոտաժ եք անում։

― Ս․․․ սուս․․․ ― շշնջալով ասաց Նունանը։ ― Աստված սիրեք, այդքան բարձր մի՛ խոսեք։

― Իսկապես, ― շարունակեց Վալենտինը։ ― Ես շատ վաղուց եմ հետևում ձեզ, ըստ իս, դուք բոլորովին չեք աշխատում։

― Մի րոպե, ― ընդհատեց նրան Նունանը և թափ տվեց վարդագույն հաստլիկ մատը։ ― Ո՞նց թե չեմ աշխատում։ Մի՞թե թեկուզ մեկ հայց կամ գանգատ մնացել է առանց հետևանքների։

― Չգիտեմ, ― ասաց Վալենտինը և նորից թափ տվեց մոխիրը։ ― Մեկ՝ լավ սարքավորում է գալիս, մեկ՝ վատ սարքավորում։ Լավն ավելի հաճախ է ստացվում, բայց դե դուք ի՞նչ կապ ունեք դրա հետ, չգիտեմ։

― Իսկ եթե ես չլինեի, ― առարկեց Նունանը, ― լավը այդքան հաճախ չէր գա։ Բացի այդ, դուք՝ գիտնականներդ, անընդհատ փչացնում եք լավ սարքավորումը, իսկ հետո գանգատ եք ներկայացնում, և ո՞վ է այդ ժամանակ ձեզ քողարկում։ Այ, օրինակ․․․

Զնգաց հեռախոսը, և Նունանը, իսկույն մոռանալով Վալենտինին, վերցրեց լսափողը։

― Միստեր Նունա՞ն, ― հարցրեց քարտուղարուհին։ ― Նորից պարոն Լեմխենն է։

― Միացրեք։

Վալենտինը վեր կացավ տեղից, հանգած սիգատետի մնացորդը դրեց մոխրամանի մեջ, ի նշան հրաժեշտին քունքի մոտ շարժեց երկու մատը և դուրս եկավ՝ վտիտ, փոքրիկ, նրբագեղ։

― Միստր Նունա՞ն, ― լսափողի մեջ լսվեց ծանոթ, հանդարտ ձայնը։

― Լսում եմ ձեզ։

― Շատ դժվար է ձեզ աշխատանքի վայրում գտնելը, միստեր Նունան։

― Ստացվել է նոր խումբ․․․

― Այո, ես արդեն գիտեմ։ Միստր Նունան, ես Շատ կարճ ժամկետով եմ եկել։ Մի քանի հարց կա, որոնք պետք է քննարկենք անձնական հանդիպման ժամանակ։ Նկատի ունենք «Միցուբիսի դենսիի» վերջին պայմանագիրը։ Իրավաբանական կողմը։

― Ձեր տրամադրության տակ եմ։

― Այդ դեպքում, եթե դեմ չեք, երեսուն րոպե հետո հանդիպենք մեր բաժանմունքի գրասենյակում։ Ձեզ հարմա՞ր է։

― Միանգամայն։ Երեսուն րոպե հետո։

Ռիչարդ Նունանը տեղը դրեց լսափողը, վեր կացավ, և, շփելով փափլիկ ձեռքերը, սկսեց հետուառաջ քայլել սենյակում։ Նույնիսկ քթի տակ երգեց մի մոդայիկ մեղեդի, բայց իսկույն էլ ձայնը խզվեց, ու նա բարեհոգաբար ծիծաղեց ինքն իր վրա։ Հետո վերցրեց գլխարկը, անձրևանոցը գցեց թևին ու դուրս եկավ ընդունարան։

― Բալիկս, ― ասաց նա քարտուղարուհուն, ― ես թռա հաճախորդների մոտ։ Կայազորի ղեկավարությունը թողնում եմ ձեզ, պինդ պահեք, ինչպես ասում են, ամրոցը, իսկ ես ձեզ համար շոկոլադ կբերեմ։

Քարտուղարուհին ժպտաց։ Նունանը օդային համբույր հղեց նրան ու գլորվեց ինստիտուտի միջանցքով։ Մի քանի անգամ փորձեցին բռնել նրա պիջակից, բայց նա խույս էր տալիս, կատակներով պատասխանում, խնդրում էր դիրքերից չնահանջել, մինչև ինքը գա, պահպանել երիկամները, չլարվել և ի վերջո, այդպես էլ չբռնվելով որևէ մեկի կողմից, դուրս եկավ ինստիտուտից՝ չբացված անցագիրը սովորականի պես թափահարելով հերթապահ սերժանտի քթի տակ։

Քաղաքի վրա կախվել էին մռայլ ամպեր, տոթ էր․ և անձրևի առաջին վեհերոտ կաթիլները սև աստղեր էին դրոշմում ասֆալտին։ Անձրևանոցը գցելով գլխին և ուսեին, Նունանը մեքենաների շարքի մոտով վազեց դեպի իր «պեժոն», նետվեց մեքենայի մեջ և, վրայից պոկելով անձրևանոցը՝ շպրտեց հետևի նստատեղին։ Պիջակի ծոցագրպանից հանեց կլոր ու սև մի փայտիկ՝ «էտակը», գցեց ակումուլյատորի բնի մեջ և բութ մատով սեղմեց, մինչև չրխկաց։ Հետո ավելի հարմար տեղավորվեց ղեկի առաջ ու սեղմեց ոտնակը։ «Պեժոն» անձայն սահեց փողոցի մեջտեղը և սլացավ դեպի նախագոտու ելքը։

Անձրևը վրա տվեց միանգամից ու հանկարծակի, ասես երկնքում ջրով տակառ շուռ տվեցին։ Փողոցը դառավ լպրծուն, և մեքենան խաչմերուկներում մի կողմ էր թեքվում։ Նունանը միացրեց «մաքրիչները» և պակասեցրեց արագությունը։ Եվ այսպես, մտածեց նա, զեկույցը տրված է։ Հիմա մեզ կգովեն։ Դե ինչ, ես համաձայն եմ։ Սիրում եմ, որ ինձ գովում են։ Մանավանդ որ գովում է ինքը պարոն Լեմեխը, գովում է ստիպված՝ ինքն էլ դա չուզենալով։ Տորօրինակ բան է, ինչո՞ւ է մեզ դուր գալիս, երբ մեզ գովում են։ Դրանից քո փողը չի ավելանում։ Փա՞ռքը։ Մեզ ի՞նչ փառք։ «Նա հռչակվեց։ Այժմ նրա մասին գիտեն երեք հոգի»։ Դե, գուցե չորս հոգի, եթե Բեյլիսին էլ հաշվենք։ Շատ հետաքրքիր արարած է մարդը․․․ Երևի պարզապես սիրում ենք գովեստ։ Ոնց որ երեխաները՝ պաղպաղակ։ Ու դա լրիվ հիմարություն է։ Ես ինչպե՞ս կարող եմ բարձրանալ իմ աչքում։ Ինչ է, ինքս ինձ չե՞մ ճանաչում։ Ծերուկ հաստլիկ Ռիչարդ Հ․ Նունանին։ Հա, ի դեպ, ի՞նչ է նշանակում այդ «Հ»֊ն։ Ա՜յ քեզ բան։ Ու ոչ մեկից էլ չես կարող իմանալ․․․ Հո պարոն Լեմխենի՞ն չեմ հարցնի․․․ Հա, հիշեցի՝ Հերբերտ։ Ռիչարդ Նունան։ Այ թե անձրև է, հ՜ա․․․

Նա թեքվեց կենտրոնական պողոտա և հանկարծ մտածեց՝ ինչպես է մեծացել քաղաքը վերջին տարիների ընթացքում։ Համա թե երկնաքերեր են կանգնեցրել․․․ Ահա մեկն էլ ես եմ կառուցում։ Ի՞նչ է լինելու այստեղ։ Հա, Լուսին համալիր՝ աշխարհիս ամենալավ ջազերը, վարիետեները, և այլն, և այլն, ամեն ինչ մեր քաջարի կայազորի ու մեր խիզախ տուրիստների համար, հատկապես մեծահասակ տուրիստների և գիտության ազնիվ ասպետների համար․․․ Իսկ արվարձաններն ամայի են։

Այո, շատ կուզեի իմանալ, թե այս ամենը ինչով պետք է վերջանա։ Ի միջի այլոց, տասը տարի առաջ ես միանգամայն ստույգ գիտեի, թե այս ամենը ինչով պետք է վերջանա։ Անհաղթահարելի սահմանագծեր։ Հիսուն կիլոմետր լայնությամբ ամայության գոտի։ Գիտնականներ և զինվորներ, ուրիշ ոչ ոք։ Մոլորակի մարմնի վրա բացված սարսափելի խոցը ընդմիշտ մեկուսացված է․․․ Եվ միայն ես չէի այսպես մտածում, բոլորն էլ այսպես էին մտածում․․․ Ի՜նչ օրինագծեր էին առաջարկվում․․․ Իսկ հիմա նույնիսկ չես էլ հիշի, թե այդ համընդհանուր պողպատյա վճռականությունը ինչպես հանկարծ վերածվեց դոնդողի։ «Մի կողմից՝ չի կարելի չընդունել, իսկ մյուս կողմից՝ չի կարելի չհամաձայնել»։ Իսկ այս ամենը, կարծեմ, սկսվեց այն ժամանակ, երբ ստալկերները Գոտուց դուրս բերեցին առաջին «էտակները»։ Մարտկոցները․․․ Հա, կարծեմ, հենց դրանից էլ ամեն ինչ սկսվեց։ Մանավանդ երբ հայտնաբերեցին, որ դրանք բազմանում են։ Խոցը, պարզվեց, այնքան էլ խոց չէ, և նույնիսկ ոչ թե խոց է, այլ ասես մի գանձարան, դժոխային գայթակղություն, Պանդորայի տուփ, սատանա, դև․․․ Սուսուփուս, քիչ֊քիչ օգտվում են։ Քսան տարի ճկռում են, չարչարվում են, միլիարդներ են քամուն տվել, բայց և այնպես չեն կարողացել կազմակերպված կերպով թալանել։ Ամեն մեկն իր փոքրիկ բիզնեսն է անում, իսկ գիտուն այրերը ինքնագոհ տեսքով հայտարարում են․ մի կողմից՝ չի կարելի չընդունել, իսկ մյուս կողմից՝ չի կարելի չհամաձայնել, քանի որ այսինչ օբյեկտը, տասնութ աստիճանի անկյան տակ ճառագայթահարվելով ռենտգենով, արձակում է ջերմային էլեկտրոններ քսաներկու աստիճանի անկյան տակ․․․ Միևնույն է, ես չեմ ապրի այնքան, որ տեսնեմ սրա վերջը․․․

Մեքենան սլանում էր Գիշակեր Բարբրիջի առանձնատան մոտով։ Հորդ անձրևի պատճառով բոլոր պատուհանները լուսավոր էին, երկրորդ հարկի պատուհաններից երևում էր, որ գեղեցկուհի Դինայի սենյակներում շարժվում են պարող զույգերը։ Կամ առավոտից են սկսել, կամ էլ երեկվանից մինչև հիմա պարում են ու միտք չունեն վերջացնելու։ Քաղաքում հիմա նոր մոդա է տարածվել՝ մի քանի օր անդադար պարել։ Պինդ ջահելներ ենք մեծացրել՝ դիմացկուն ու համառ իրենց նպատակներին հասնելու մեջ։

Նունանը մեքենան կանգնեցրեց անշուք տան առաջ, որի վրա փակցված էր մի աննշմարելի ցուցանակ․ «Կորշի և Սայմակի» իրավաբանական գրասենյակ։ Նա հանեց «էտակը» և դրեց ծոցագրպանը, անձրևանոցը նորից քաշեց գլխին ու արագ նետվեց շքամուտքը, սլանալով թերթ կարդացող դռնապանի մոտով, մաշված գորգով ծածկված աստիճաններով բարձրացավ վերև, կրունկներով կտկտացրեց երկրորդ հարկի մութ միջանցքում, որտեղ մշտապես կանգնած յուրահատուկ սուր հոտի բնույթը մի ժամանակ ինքն իզուր փորձում էր պարզել, հետո բացեց միջանցքի ծայրի դուռը և մտավ ընդունարան։ Քարտուղարուհու տեղում նստած էր մի անծանոթ՝ շատ թուխ երիտասարդ։ Նա քչփորում էր էլեկտրոնային խրթին սարքի ընդերքը, որը դրված էր սեղանին գրամեքենայի փոխարեն։ Ռիչարդ Նունանը անձրևանոցն ու գլխարկը կախեց մեխից, երկու ձեռքով սղալեց մազերի մնացորդները և հարցական նայեց երիտասարդին։ Սա գլխով արեց։ Այդժամ Նունանը դուռը բացեց ու ներս մտավ աշխատասենյակ։

Պարոն Լեմխենը ծանրումեծ վեր կացավ իր վիթխարի կաշվեպատ բազկաթոռից, որ դրված էր վարագուրված պատուհանի մոտ։ Նրա ուղղանկյուն գեներալական դեմքը կնճռոտվեց, որը կարող էր նշանակել և բայրացակամ ժպիտ, և ափսոսանք ու դժգոհություն վատ եղանակի պատճառով, իսկ գուցեև դժվարությամբ զսպվող փռշտոց։

― Ահա և եկաք, ― անշտապ ասաց նա։ ― Ներս մտեք, նստեք։

Նունանը հայացքով փնտրեց, թե որտեղ պիտի նստի, ու ոչ մի բան չգտավ, բացի սեղանի տակ մտցված ուղիղ թիկնակով չոր աթոռից։ Ու նա նստեց սեղանի ծայրին։ Չգիտես ինչու, նրա ուրախ տրամադրությունը հետզհետե չքացավ։ Հանկարծ նա շատ հստակորեն հասկացավ, որ իրեն չեն գովելու։ Ավելի շուտ՝ հակառակն է լինելու։ Ցասման օր, փիլիսոփայեց նա և նախապատրաստվեց վատթարագույնին։

― Ծխեք, ― առաջարկեց պարոն Լեմխենը, նորից ընկղմվելով բազկաթոռի մեջ։

― Շնորհակալություն, ես չեմ ծխում։

Պարոն Լեմխենը մի այնպիսի տեսքով օրորեց գլուխը, ասես իրականացան նրա ամենադժնի կանխազգացումները, երկու ձեռքերի մատների ծայրերն իրար կպցրած պահեց աչքերի դիմաց ու մի քանի վայրկյան ուշադիր զննեց այդ տեսարանը։

― Կարծում եմ «Միցուբիսի դենսի» ֆիրմայի իրավական գործերը մենք չենք քննարկի, ― վերջապես խոսեց նա։

Դա կատակ էր։ Ռիչարդ Նունանը պատրաստակամ ժպտաց ու ասաց․

― Ինչպես կամենաք։

Սեղանի ծայրին նստելը շատ անհարմար էր․ ոտքերը չէին հասնում հատակին։

― Ցավով պետք է ձեզ հայտնեմ, Ռիչարդ, որ ձեր զեկույցը վերևներում չափազանց նպաստավոր տպավորություն է թողել։

― Հը՜մ․․․ փնչացրեց Նունանը։ Սկսվեց, մտածեց նա։

― Նույնիսկ ուզում էին ձեզ շքանշանի ներկայացնել, ― շարունակեց պարոն Լեմխենը։ ― Սակայն ես առաջարկեցի չշտապել։ Ու ճիշտ արեցի։ ― Վերջապես նա դադարեց իր տասը մատների կազմած պատկերը զննելուց և հոնքերի տակից նայեց Նունանին։ ― Դուք ինձ չհարցնեք, թե ինչու եմ այդպիսի, թվում է, ծայրահեղ զգուշություն դրսևորել․․․

― Երևի ինչ֊որ հիմքե՞ր եք ունեցել, ― ձանձրույթ արտահայտող ձայնով ասաց Նունանը։

― Այո։ Ունեմ։ Ի՞նչ էր ստացվում ձեր զեկույցից, Ռիչարդ։ «Մետրոպոլ» խումբը վերացված է։ Ձեր ջանքերով։ «Կանաչ ծաղիկ» խումբը ամբողջ կազմով ձերբակալվել է հանցագործության վայրում։ Փառահե՜ղ աշխատանք։ Նույնպես ձեր գործն է։ «Վառը», «Քվազիմոդոն», «Շրջմոլիկ երաժիշտները» և էլի մի քանի խմբեր (ես չեմ հիշում բոլորի անունները) իրենք իրենց լուծարքի են ենթարկել, գիտակցելով, որ վաղ թե ուշ իրենց էլ կբռնեն։ Այս ամենը իրոք եղել է, ամեն ինչ հաստատվում է խաչաձև ինֆորմացիայով։ Մարտադաշտը մաքրվել է։ Դուք շահեցիք մարտը, Ռիչարդ։ Հակառակորդը խուճապահար նահանջում է մեծ կորուստներ տալով։ Ես ճի՞շտ եմ նկարագրում իրավիճակը։

― Համենայն դեպս, ― զգուշորեն ասաց Նունանը, ― վերջին երեք ամսում դադարել է Գոտուց նյութերի արտահոսքը Հարմոնտի միջոցով։ Համենայն դեպս, իմ ունեցած տեղեկություններով, ― ավելացրեց նա։

― Հակառակորդը նահանջել է, չէ՞։

― Դե, եթե դուք հատկապես այդ կերպ եք ուզում արտահայտվել․․․ Այո։

― Ոչ, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Բանն այն է, որ այդ հակառակորդը երբեք չի նահանջում։ Ես դա հաստատ գիտեմ։ Աճապարելով հաղթական զեկույց ներկայացնել, դուք, Ռիչարդ, դրսևորել եք ձեր խակությունը։ Հենց դրա համար էլ ես առաջարկեցի առայժմ ձեզ չներկայացնել պարգևատրման։

Թող գրողի ծոցը գնան քո պարգևները, մտածեց Ռիչարդը, օրորելով ոտքն ու մռայլ նայելով կոշիկի քթին։ Ես քո պարգևները կկախեմ ձեղնահարկի ոստայնից․․․ Սրան նայեք, գլխիս խրատներ է կարդում։ Առանց քո ասելու էլ գիտեմ, թե ում հետ այստեղ գործ ումեմ, դու չպիտի ինձ քարոզես, թե հակառակորդն ով է, ինչ է։ Մարդավարի ասա, թե որտեղ ինչ սխալ եմ արել, թե այդ սրիկաներն էլի ինչ օյինբազություն են արել․․․ որտեղ և ինչ ծակուծուկ են գտել․․․ ու կարող ես առանց նախաբանի․․․ ես քեզ համար փսլնքոտ սկսնակ չեմ, հիսունս արդեն գլորել եմ, ու ոչ էլ քո շքանշանների համար եմ այստեղ մնացել․․․

― Դուք ի՞նչ եք լսել Ոսկե գնդի մասին, ― հանկարծ հարցրեց պարոն Լեմխենը։

Աստված իմ, սրտնեղեց Ռիչարդը, Ոսկե գունդն այստեղ ի՞նչ գործ ունի։ Գրողը տանի քեզ էլ, քո խոսելու ձևն էլ․․․

― Ոսկե գունդն առասպել է․․․ ― դարձյալ ձանձրացող ձայնով ասաց Նունանը։ ― Առասպելական կառույց Գոտում, որն ունի ոսկե գնդի ձև և կոչված է կատարելու մարդկային ցանկությունները։

― Բոլո՞ր։

― Առասպելի տեքստի համաձայն՝ բոլոր։ Սակայն կան տարբերակներ․․․

― Այդպե՜ս, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Իսկ դուք ի՞նչ եք լսել «լամպ֊մահի» մասին։

― Ութ տարի առաջ, ― ձանձրացող ձայնով ծոր տվեց Նունանը, ― ստալկեր Ստեֆան Նորմանը, որի մականունն էր Ակնոցավոր, Գոտուց դուրս էր բերել մի սարք, որն իրենից ներկայացնում էր, ըստ երևույթին, ոսկրային օրգանիզմների համար մահացու ճառագայթիչների ագրեգատ։ Հիշյալ Ակնոցավորը այդ ագրեգատն առաջարկեց ինստիտուտին։ Նրանք գնի հարցում համաձայնության եկան։ Բայց Ակնոցավորը գնաց Գոտի ու չվերադարձավ։ Ու հիմա հայտնի չէ, թե որտեղ է գտնվում այդ ագրեգատը։ Ինստիտուտում մինչև հիմա էլ պոկում են իրենց մազերը։ Ձեզ հայտնի «Մետրոպոլի» Խյուն այդ ագրեգատի համար պատրաստ էր տալու ինչքան ուզեին, ինչքան որ տեղ կաներ չեկագրքույկի թղթի վրա։

― Ընդամենը այդքա՞ն։ Վե՞րջ, ― հարցրեց պարոն Լեմխենը։

― Այդքան, ― պատասխանեց Նունանը։ Նա ցուցադրաբար հայացքով տնտղում էր սենյակը։ Սենյակը շատ անդուր էր ու տաղկտկալի, նայելու ոչ մի բան չկար։

― Այդպե՜ս, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Իսկ ի՞նչ եք լսել «խեցգետնի աչքի» մասին։

― Ինչի աչքի՞․․․ ― Խեցգետնի։ Խեցգետին։ Գիտե՞ք դա ինչ բան է։ ― Պարոն Լեմխենը երկու մատով չրխկացրեց օդում։ ― Ճանկեր ունի․․․

― Առաջին անգամ եմ լսում, ― ասաց Նունանը խոժոռվելով։

― Իսկ ի՞նչ գիտեք «բոժոժավոր անձեռոցիկների մասին։ Նունանը ցած իջավ սեղանից ու կանգնեց Լեմխենի առաջ, ձեռքերը մտցնելով գրպանները։

― Ոչինչ չգիտեմ, ― ասաց նա։ ― Իսկ դո՞ւք։

― Դժբախտաբար, ես էլ ոչ մի բան չգիտեմ, ո՛չ «խեցգետնի աչքերի», ո՛չ էլ «բոժոժավոր անձեռոցիկների» մասին։ Մինչդեռ դրանք գոյություն ունեն։

― Իմ Գոտո՞ւմ, ― հարցրեց Նունանը։

― Դուք նստեք, նստեք, ― ասաց պարոն Լեմխենը, թափ տալով ձեռքը։ ― Մեր խոսակցությունը նոր է սկսվում։ Նստեք։

Նունանն անցավ սենյակի մյուս կողմը և սեղանի տակից հանեց բարձր թիկնակով չոր աթոռը։

Մտքինն ի՞նչ է, ― տենդագին մտածում էր նա։ ― Սա ի՞նչ նորություն է։ Երևի ինչ֊որ բաներ են գտել մյուս Գոտիներում, իսկ այս անասունը ինձ ձեռ է առնում։ Քավթառը հենց սկզբից էլ ինձ չի սիրել, չի կարողանում մոռանալ այն բանաստեղծությունը։

― Շարունակենք մեր փոքրիկ քննությունը, ― հայտարարեց Լեմխենը, մի քիչ հետ տալով պատուհանի վարագույրը ու նայեց դուրս։ ― Ոնց է թափվում, ― ասաց նա։ ― Սիրում եմ հորդ անձրև։

Նա քաշեց վարագույրը, հետ ընկավ բազկաթոռի թիկնակին ու, նայելով առաստաղին, հարցրեց․ ― Ի՞նչ է անում ծերուկ Բարբրիջը։

― Բարբրի՞ջը։ Գիշակեր Բարբրիջը հսկողության տակ է։ Հաշմանդամ է, նյութապես ապահովված է։ Գոտու հետ կապ չունի։ Ունի պանդոկ, պարահրապարակ, խնջույքներ է կազմակերպում կայազորի սպաների ու տուրիստների համար։ Նրա աղջիկը՝ Դինան, ցոփ կյանք է վարում։ Տղան՝ Արթուրը, վերջերս ավարտեց իրավաբանական քոլեջը։

Պարոն Լեմխենը գլխի շարժումով հաստատում էր նրա ասածները։

― Պարզ է, ― գովեց նա։ ― Իսկ ի՞նչ է անում Մալթացի Կրեոնը։

― Գործող սակավաթիվ ստալկերներից մեկն է։ Մի ժամանակ կապված էր «Քվազիմոդո» խմբի հետ, հիմա բերածները իմ միջոցով ծախում է ինստիտուտին։ Ես նրան ազատ եմ թողնում․ երբևիցե մեկնումեկը կուլ կտա այդ խայծը։ Ճիշտ է, վերջերս նա շատ է խմում ու, կարծում եմ, երկար չի դիմանա։

― Կապե՞րը Բարբրիջի հետ։

― Սիրահետում է Դինային։ Հաջողության չի հասնում։

― Շատ լավ, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Իսկ ի՞նչ լուրեր կան Շեկ Շուխարտի մասին։

― Մի ամիս առաջ դուրս է եկել բանտից։ Նյութապես ապահովված է։ Ուզում էր այստեղից մեկնել, բայց․․․ Նունանը լռեց։ ― Մի խոսքով, ընտանեկան անախորժություններ․․․ Հիմա նրա ուշքն ու միտքը Գոտին չէ․․․

― Այդքա՞նը։

― Այսքանը։

― Քիչ է, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Իսկ Բախտավոր Քարտերի գործերը ո՞նց են։

― Նա վաղուց արդեն ստալկեր չէ։ Օգտագործած մեքենաների առևտուր է անում։ Հա, ունի նաև արհեստանոց, որտեղ մեքենաների սնուցումը փոխում է «էտակայինի»․․․ Չորս երեխաների հայր է, կինը անցյալ տարի մահացավ․․․ Զոքանչը․․․

― Իսկ հներից էլ ո՞ւմ եմ մոռացել, ― բարեհոգաբար հարցրեց նա։

― Դուք մոռացել եք Ջոնատան Մայլզին, որի մականունը Կակտուս է։ Հիմա նա հիվանդանոցում է, մահանում է քաղցկեղից։ Դուք մոռացել եք նաև Գուտալինին․․․

― Այո, Գուտալինն ի՞նչ է անում։

― Նա էլի նույնն է, ― ասաց Նունանը։ ― Երեք հոգուց կազմված խումբ ունի։ Շաբաթներով կորչում են Գոտում։ Ինչ որ գտնում են՝ ոչնչացնում են հենց տեղում։ Իսկ նրա Ռազմատենչ Հրեշտակների միությունը քայքայվեց։

― Ինչո՞ւ։

― Ինչպես դուք հիշում եք, նրանք գնում էին Գոտուց բերված առարկաները, և Գուտալինը դրանք նորից հետ էր տանում Գոտի։ Սատանայինը՝ սատանային։ Հիմա էլ առնելու բան չկա ու, բացի դրանից, մասնաճյուղի նոր տնորենը նրանց գցեց ոստիկանների ճանկը։

― Հասկանում եմ, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Դե, իսկ ջահելնե՞րը։

― Դե, ջահելները գալիս են․․․ ու գնում։ Դրանցից մի քանիսը քիչ թե շատ փորձված են, բայց վերջերս ապրանք առնող չկա, ու նրանք հիմա մի տեսակ մոլոր վիճակում են։ Ես կամաց֊կամաց նրանց իմ ձեռքն եմ հավաքում․․․ Կարծում եմ, շեֆ, որ ստալկերությունն իմ Գոտում փաստորեն վերացած է։ Ծերերը արդեն դուրս են եկել ասպարեզից, ջահելների ձեռքից բան չի գալիս, և հետո այդ արհեստը հիմա էլ նախկին հարգանքը չունի։ Հիմա տեխնիկայի ժամանակներ են, ավտոմատ ստալկերների․․․

― Դա ժամանակի հարց է։ Շուտով կսկսեն արդարացնել։

― Ե՞րբ։

― Մի հինգ֊վեց տարի հետո․․․

Պարոն Լեմխենը նորից տմբտմբացրեց գլուխը։

― Ի միջի այլոց, դուք երևի չգիտեք, որ հակառակորդը նույնպես սկսել է օգտագործել ավտոմատ ստալկերներ։

― Իմ Գոտո՞ւմ, ― զարմացավ Նունանը։

― Ձեր Գոտում նույնպես։ Ձեր Գոտում նրանց բազան Ռեքսպոլիսն է, այնտեղից ուղղաթիռներով սարքավորումները հասցնում են Օձաձոր, Սև լիճ և Բոլդերի գագաթի ստորոտները։

― Բայց չէ՞ որ դրանք ծայրամասեր են, ― թերահավատությամբ ասաց Նունանը։ ― Այնտեղ դատարկ է, ամայություն, ի՞նչ պիտի գտնեն այնտեղ։

― Քիչ, շատ քիչ բան։ Բայց գտնում են։ Ի դեպ, ես ասացի ի գիտություն, դա ձեզ չի վերաբերում։ Ամփոփենք։ Հարմոնտում պրոֆեսիոնալ ստալկերներ գրեթե չեն մնացել։ Եղածներն էլ այլևս ոչ մի կապ չունեն Գոտու հետ։ Երիտասարդությունը շփոթության մեջ է և ընտելացման պրոցեսում է գտնվում։ Հակառակորդը ջախջախված է, հետ շպրտված, և հիմա նա զբաղված է իր վերքերը լիզելով։ «Ապրանք» չկա, իսկ եթե լինում էլ է՝ գնող չկա։ Արդեն երեք ամիս է, ինչ դադարեցվել է Հարմոնտյան Գոտուց նյութերի անօրինական արտահոսքը։ Այո՞։

Նունանը լռում էր։ Հիմա, մտածում էր նա։ Հիմա Լեմխենը ինձ կշրխկացնի։ Բայց որտե՞ղ եմ ես սխալ բաց թողել։ Ու, երևում է, մեծ ճեղք է բացվել։ Դե, սկսիր, սկսիր, փտա՛ծ գազար։ Կյանքս կերար։

― Պատասխանդ չեմ լսում, ― ասաց պարոն Լեմխենը և ափը դրեց մազմզոտ ու կնճռոտ ականջին։

― Լավ, շեֆ, ― մռայլ ասաց Լեմխենը։ ― Բավական է։ Դուք ինձ արդեն եփեցիք ու տապակեցիք։ Հիմա դրեք սեղանին։

Պարոն Լեմխենը անորոշ փնչացրեց։

― Դուք նույնիսկ ինձ ասելիք չունեք, ― խոսեց նա անսպասելիորեն դառնացած։ ― Ականջներդ թափ եք տալիս պետի առաջ, իսկ ես ի՞նչ վիճակում էի, երբ նախանցյալ օրը․․․ ― Նա հանկարծ կիսատ թողեց խոսքը, վեր կացավ տեղից ու քայլեց դեպի անկիզելի պահարանը։ ― Կարճ ասած, վերջին երկու ամսվա ընթացքում, ըստ միայն մեր ունեցած տեղեկությունների, հաիառակորդը տարբեր Գոտիներից ստացել է ավելի քան վեց հազար միավոր նյութ։ ― Նա կանգ առավ անկիզելի պահարանի մոտ, շոյեց նրա ներկված դուռն ու կտրուկ շրջվեց Նունանի կողմը։ ― Ձեզ մի՛ մխիթարեք պատրանքներով, ― գոռաց նա։ ― Կան Բարբրիջի մատնահետքերը։ Մալթացու մատնահետքերը։ Մեծքիթ Բեն Գալեի մատնահետքերը, որին դուք նույնիսկ հարկ չհամարեցիք հիշել։ Գերեշի և Թզուկ Ցմիգի մատնահետքերը։ Լա՜վ եք «ընտելացնում» երիտասարդությանը։ «Ապարանջաննե՜ր»։ «Ասեղնե՜ր»։ «Սպիտակ ֆռի՜կ»․․․ Ու սրանց ավելացրած ինչ֊որ «խեցգետնի աչքեր», «բոժոժավոր անձեռոցիկներ», գրողը տանի․․․

Նա նորից կիսատ թողեց խոսքը, եկավ նստեց իր բազկաթոռին, նորից մատները կցեց իրար ու հարգալից հարցրեց․ ― Ի՞նչ եք մտածում այս ամենի մասին, Ռիչարդ։

Նունանը գրպանից հանեց թաշկինակը և սրբեց պարանոցն ու ծոծրակը։

― Ոչ մի բան չեմ մտածում, ― ազնվորեն քրթմնջաց նա։ ― Ներեցեք շեֆ, ես հիմա ընդհանրապես․․․ Թողեք շունչ քաշեմ։ Բարբրիջ․․․ Բարբրիջը ոչ մի կապ չունի Գոտու հետ։ Ես գիտեմ նրա ամեն մի քայլը։ Նա խնջույքներ է սարքում լճերի ափին, լավ փող է վաստակում, ու նրան պարզապես պետք չէ․․․ Ներեցեք, ես, իհարկե, հիմարություններ եմ դուրս տալիս, բայց հավատացնում եմ ձեզ, որ ինչ Բարբրիջը դուրս է եկել հիվանդանոցից, ես ոչ մի օր աչքաթող չեմ արել նրան․․․

― Ես այլևս ձեզ չեմ պահի, ― ասաց պարոն Լեմխենը։ ― Մի շաբաթ ժամանակ եմ տալիս։ Ինձ կներկայացնեք ձեր դատողությունները, թե Գոտուց նյութերն ինչպես են ընկնում Բարբրիջի․․․ և մյուսների ձեռքը։ Ցտեսություն։

Նունանը վեր կացավ, գլխով շփոթահար հրաժեշտ տվեց պարոն Լեմխենին ու, շարունակելով թաշկինակով սրբել քրտնքի մեջ կորած վիզը, դուրս եկավ ընդունարան։ Թխադեմ երիտասարդը ծխում էր, մտախոհ նայելով քարուքանդ եղած էլեկտրոնիկայի ներսը։ Նա մի պահ նայեց Նունանի կողմը․ նրա աչքերը դատարկ էին, հայացքը դեպի ներս ուղղված։

Ռիչարդ Նունանը մի կերպ գլխարկը քաշեց գլխին, անձրևանոցը դրեց թևի տակ ու իրեն դուրս գցեց։ Ինձ հետ դեռ այսպիսի բան չէր եղել, ― մոլորված մտածում էր նա։ Ով կմտածեր, թե Մեծքիթ Բեն Գալեին․․․ Արդեն հասցրել է մականուն վաստակել․․․ Ե՞րբ․․․ Լակոտի՜ն տես, փսլինքը թափվում է բերանից․․․ Չէ, դա դեռ ոչինչ․․․ Ախ, անոտ անասուն․․․ Գիշակեր․․․ Ո՞նց դու ինձ մատի վրա խաղացրիր․․․ Լավ խաղ խաղացիր գլխիս․․․ Ո՞նց է եղել․․․ Այդպիսի բան պարզապես չէր կարող լինել։ Ճիշտ, ոնց որ այն ժամանակ, Սինգապուրում, քիչ է մնում գլուխս պատին խփեմ․․․

Նա նստեց մեքենայի մեջ ու որոշ ժամանակ, ամբողջովին անջատված, չէր կարողանում գտնել միացման բանալին։ Անձրևաջուրը գլխարկից թափվում էր ծնկներին, և նա գլխարկը հանեց ու շպրտեց հետևի նստարանին։ Անձրևը թրջում էր առջևի ապակին, ու Ռիչարդ Նունանին թվում էր, թե դա խանգարում է իրեն, որ կենտրոնանա ու մտածի, թե ինչ պետք է անի հիմա։ Գլխի ընկնելով անելիքը, նա բռունցքով ուժեղ խփեց լերկ ճակատին։ Ու միանգամից թեթևացավ։ Իսկույն հիշեց, միացման բանալի չկա ու չի կարող լինել, դրա փոխարեն գրպանում կա «էտակ»։ Հավերժական ակումուլյատոր։ Ու պետք է այդ Էտակը հանել գրպանից, գրողը տանի քեզ, դնել բռի մեջ, և արդեն կարելի է մի որևէ տեղ գնալ, հեռու այս տնից, որտեղ պատուհանի մոտ կանգնած իրեն է հետևում ծեր կախարդը․․․

Նունանն «էտակը» ձեռքն առավ, որ դնի տեղը, ու հանկարծ ասես քարացավ։ Այսպե՜ս։ Համենայն դեպս ես գիտեմ, թե ումից պետք է սկսեմ, գիտեմ, ու հենց նրանից էլ կսկսեմ։ Ախ ո՜նց կսկսեմ․․․ Ոչ ոք դեռ երբեք այդպես չի սկսել որևէ մեկից, ոնց որ հիմա ես կսկսեմ նրանից։ Եվ ինչպիսի՜ հաճույքով․․․ Նա միացրեց «մաքրիչները», ու մեքենան տարավ պուրակի երկայնքով, գրեթե ոչ մի բան չտեսնելով իր ճանապարհին։ Նա արդեն մի քիչ հանգստացել էր։ Ոչինչ։ Թող Սինգապուրի նման լինի։ Ի վերջո, Սինգապուրում էլ ամեն ինչ հաջող անցավ։ Հետո ինչ, որ մի անգամ մռութդ խփեցիր սեղանին։ Է՛հ, կարող էր ավելի վատ լինել։ Կարող էր պատահել, որ մռութդ խփեիր ոչ թե սեղանին, այլ մեխերով ծածկված ինչ֊որ մի բանի․․․ Լավ, չշեղվեմ․․․ Ո՞ւր է իմ «Հինգ րոպեն»․․․ Ոչ մի բան չի երևում․․․ Հա, հրեն երևաց։

Դեռ շուտ էր, բայց «Հինգ րոպե» անառակատունը շողշողում էր լույսերի մեջ, ոնց քո «Մետրոպոլը»։ Ջրից դուրս եկած շան պես թափ տալով իրեն, Ռիչարդ Նունանը ոտք դրեց պայծառ լույսերով ողողված սրահը, որտեղից փչում էր ծխախոտի, օծանելիքի և թթված շամպայնի հոտ։ Ծերուկ Բեննին դեռ առանց լիվրեյի, վաճառասեղանի մոտ նստած ինչ֊որ բան էր ուտում՝ պատառաքաղը բռունցքի մեջ պահած։ Նրա դիմաց, հրեշավոր կուրծքը դրած դատարկ բաժակների կողքը, նստած էր Մադամը ու տխուր նայում էր, թե նա ոնց է ուտում։

Նախասրահը չէին մաքրել երեկվանից։ Երբ Նունանը ներս մտավ, Մադամն իսկույն նրա կողմը թեքեց լայն, սվաղած դեմքը՝ սկզբում դժգոհ, իսկ հետո պրոֆեսիոնալ ժպիտով։

― Օհո՜, ― թավ ձայնով ասաց նա։ ― Պարոն Նունանն է բարեհաճել։ Աղջիկների՞ն ես կարոտել։

Բեննին շարունակում էր ծամել, նա քոթուկի պես խուլ էր։

― Ողջույն, պառավ, ― պատասխանեց Նունանը, մոտենալով նրան։ ― Ինչի՞ս են պետք աղջիկները, երբ իմ դիմաց իսկական կին է կանգնած։

Վերջապես Բեննին նկատեց նրան։ Կապույտ ու կարմիր սպիներից բաղկացած սոսկալի դիմակը մեծ ճիգերով ժպիտ արտահայտեց․

― Բարև պարոն, ― խռխռաց նա։ ― Եկել եք չորանա՞ք։ Նունանը ժպտաց ի պատասխան և ձեռքը թափ տվեց։ Նա չէր սիրում Բեննի հետ խոսել․ անընդհատ պետք էր գոռալ։

― Մադամ, որտե՞ղ է իմ կառավարիչը, ― հարցրեց նա։

― Իր սենյակում է, ― պատասխանեց Մադամը, ― վաղը պիտի հարկերը տանք։

― Ա՜խ այդ հարկերը․․․ ասաց Նունանը։ ― Մադամ, խնդրում եմ պատրաստեք իմ սիրածը, ես հիմա կգամ։

Անաղմուկ քայլելով հաստ ու փափուկ սինթետիկ գորգի վրայով նա անցավ միջանցքով՝ վարագույրով փակված մսուրների մոտով (պատի վրա ամեն մի մսուրի կողքը ծաղիկ էր նկարված), թեքվեց աննկատելի մի փոքրիկ սենյակ ու առանց թակելու բացեց կաշեպատ դուռը։

Մոսոլ Կատյուշան նստել էր սեղանի մոտ ու հայելու մեջ զննում էր քթի մեջ բուսած չարագուշակ պզուկը։ Նա թքել էր այն բանի վրա, որ վաղը պիտի հարկեր վճարեր։ Դատարկ սեղանին դրած էր սնդիկի քսուկով մի բանկա և թափանցիկ հեղուկով բաժակ։ Մոսոլ Կատյուշան արյունով լցված աչքերը բարձրացրեց Նունանի վրա ու վեր թռավ տեղից, ձեռքից վայր գցելով հայելին։ Առանց մի խոսք ասելու, Նունանը նստեց դիմացի բազկաթոռին, որոշ ժամանակ լուռ զննեց ստահակին ու լսեց վերջինիս փնթփնթոցը անիծյալ անձրևի ու ռևմատիզմի մասին։ Հետո ասաց․

― Հապա մի դուռը բանալիով փակիր, աղավնյակս։

Մոսոլը, ոտքերը թփթփացնելով, վազելով մոտեցավ դռանը, բանալիով փակեց ու նորից եկավ սեղանի մոտ։ Նա ասես փրչոտ սարդ լիներ։ Կանգնել էր Նունանի դիմաց ու հնազանդ նայում էր նրա բերանին։ Իսկ Նունանը շարունակում էր զննել նրան՝ աչքերը կկոցելով։ Չգիտես ինչու, նա հանկարծ հիշեց, որ Մոսոլ Կատյուշայի իսկական անունը Ռաֆայել է։ Մոսոլ են ասում հրեշավոր ոսկրոտ, կապտակարմիր բռունցքների համար, որոնք դուրս են ցցված նրա ձեռքերը պատած թավ մազերի տակից։ Իսկ Կատյուշա ինքն էր իրեն անվանում, համոզված լինելով, որ դա մոնղոլ մեծ թագավորների ավանդական անունն է։ Ռաֆայել։ Դե լավ, Ռաֆայել, սկսենք։

― Գործերդ ո՞նց են, ― քնքշորեն հարցրեց Նունանը։

― Ամեն ինչ կարգին է, բոս, ― շտապեց պատասխանել Ռաֆայել Մոսոլը։

― Պարետատան հետ գործերդ վերջացրի՞ր։

― Հարյուր հիսուն տվեցի։ Բոլորը գոհ մնացին։

― Հարյուր հիսունը՝ քեզնից, ― ասաց Նունանը։

― Քո մեղքով եղավ այդ պատմությունը։ Պետք է լավ հետևեիր։

Մոսոլը դժբախտ դեմք սարքեց և խոնարհաբար տարածեց հսկայական թաթերը։

― Նախասրահում պարկետը պետք է փոխել, ― ասաց Նունանը։

― Կարվի։

Նունանը լռեց՝ ուռցնելով շրթունքները։

― «Ապրանք» կա՞, ― հարցրեց նա, ձայնը ցածրացնելով։

― Մի քիչ կա, ― նույնպես ցածրաձայն ասաց Մոսոլը։

― Ցույց տուր։

Մոսոլը նետվեց դեպի չհրկիզվող պահարանը, մի փաթեթ հանեց, դրեց սեղանին՝ Նունանի առաջ, ու բաց արեց։ Նունանը մի մատով խառնշտորեց «սև ցայտերի» կույտը, վերցրեց «ապարանջանը», չորս կողմից տնտղեց ու նորից տեղը դրեց։

― Եղածը սա՞ է, ― հարցրեց նա։

― Չեն բերում, ― մեղավոր ասաց Մոսոլը։

― Չեն բերում․․․ կրկնեց Նունանը։

Նա ուշադիր նշան բռնեց և կոշիկի քթով ուժգին խփեց Մոսոլի սրունքին։ Մոսոլը տնքաց, ուզում էր կռանալ, որ բռնի ցավող տեղը, բայց իսկույն էլ ուղղվեց ու ձգված կանգնեց Նունանի դիմաց։ Այդժամ Նունանը վեր թռավ տեղից, մի կողմ հրեց բազկաթոռը, բռնեց Մոսոլի վերնաշապիկի օձիքից, սկսեց խփել նրան ձեռքով ու ոտքով, կատաղաբար պտտեցնելով աչքերը և բերանից հայհոյանքներ թափելով։ Տնքալով, նվնվալով, գլուխը պահելով հարվածներից՝ Մոսոլը վախեցած ձիու պես հետ֊հետ գնաց, մինչև որ փլվեց բազմոցին։

― Երկու կողմի վրա ես աշխատում, հա՞, սրիկա, ― ֆշշացրեց Նունանը սարսափից սպիտակած նրա աչքերի մեջ։ ― Գիշակերը «ապրանքի» մեջ լողում է, իսկ դու ինձ թղթի մեջ փաթաթված մի երկու հուլունք ես տալիս․․․ ― Նա թափով ապտակեց Մոսոլին, աշխատելով կպչել ցավոտ քթին։ ― Բանտում կփտեցնեմ քեզ։ Թրիքի մեջ կապրես։ Ցամաք հաց կլափես։ Ու կափսոսաս, որ լույս աշխարհ ես եկել։ ― Նա նորից բռունցքով խփեց քթի վերքին։ ― Բարբրիջի «ապրանքը» որտեղի՞ց է։ Ինչո՞ւ նրան բերում են, իսկ քեզ չեն բերում։ Ո՞վ է բերում։ Ինչո՞ւ ես ոչ մի բան չգիտեմ։ Դու ո՞ւմ համար ես աշխատում, փրչոտ խուլ։ Ասա՛։

Մոսոլն անձայն բացում ու փակում էր բերանը։ Նունանը բաց թողեց նրան, եկավ նստեց իր բազկաթոռին, ու ոտքերը դրեց սեղանի վրա։

― Դե՛, ― ասաց նա։

Մոսոլը հեկեկալով կուլ տվեց քթից հոսող արյունն ու ասաց․

― Աստված է վկա, բոս․․․ Ի՞նչ եք ասում։ Գիշակերին որտեղի՞ց «ապրանք»։ Նա ոչ մի «ապրանք» չունի․․․ Հիմա ոչ ոք չունի։

― Դու հո չե՞ս ուզում ինձ հետ վիճել, ― քնքշորեն հարցրեց Նունանը, ոտքերը իջեցնելով սեղանից։

― Չէ, չէ, բոս․․․ Աստված իմ, ― շտապեց Մոսոլը։ ― Գետինը մտնեմ․․․ Ինչու պիտի վիճեմ։ Մտքովս էլ չի անցնում․․․

― Դուրս կշպրտեմ քեզ, ― մռայլ ասաց Նունանը։ ― Չես կարողանում աշխատել։ Ինչի՞ ես պետք, հը՞․․․ Ես քո նմաններին պահողը չեմ։ Ինձ իսկական գործ անող է հարկավոր։

― Սպասեք, բոս, ― խոհեմաբար ասաց Մոսոլը՝ արյունը լղոզելով դեմքին։ ― Ի՞նչ եք միանգամից հարձակվում․․․ Հապա եկեք իրար հասկանանք․․․ ― Նա զգուշորեն մատը հպեց քթի վրքին։ ― Ասում եք, իբր Բարբրիջի մոտ շատ «ապրանք» կա։ Ես բան չգիտեմ։ Կներեք ինձ, իհարկե, բայց ինչ֊որ մեկը էս հարցում ձեզ խաբել է։ Հիմա ոչ մեկի մոտ «ապրանք» չկա։ Հիմա, ախր, միայն լակոտ֊լուկուտներն են գնում Գոտի ու չեն վերադառնում․․․ Չէ, բոս, ձեզ հաստատ խաբել են․․․

Նունանն աչքի պոչով հետևում էր նրան։ Երևում էր, որ Մոսոլն իսկապես ոչ մի բան չգիտեր։ Եվ հետո, նրա համար ձեռնտու էլ չէր խաբելը՝ Գիշակերը մարդու կարգին փող տվող չէ։

― Այդ խնջույքները եկամտաբե՞ր բան են, ― հարցրեց նա։

― Խնջույքնե՞րը։ Ոնց որ այնքան էլ եկամտաբեր չեն։ Կարգին փող չես հավաքի։ Բայց դե հիմա քաղաքում շահավետ գործեր չկան։

― Որտե՞ղ են սարքում այդ խնջույքները։

― Որտեղ են սարքո՞ւմ։ Տարբեր տեղերում․․․ Սպիտակ սարի մոտ, Ջերմուկների մոտ, Ծիածանի լճերում․․․

― Իսկ ովքե՞ր են հաճախորդները․․․

― Ովքեր ե՞ն․․․ ― Մոսոլը քիթը վեր քաշեց, աչքերը թարթեց ու վստահելի տոնով ասաց․ ― Եթե դուք եք ուզում այդ գործը ձեռնարկել, բոս, ապա ես խորհուրդ չէի տա։ Դուք այստեղ չեք կարողանա Գիշակերի հետ մրցել։

― Իսկ ինչո՞ւ։

― Գիշակերի հաճախորդներն են երկնագույն սաղավարտները՝ մեկ, ― Մոսոլը սկսեց ծալել մատները, ― պարետատան սպաները՝ երկու, «Մետրոպոլի», «Սպիտակ շուշանի», «Եկվորի» տուրիստները՝ երեք։ Հետո նա շատ լավ ռեկլամ ունի, տեղացի ջահելներն էլ են նրա մոտ գնում․․․ Աստծո սիրուն, բոս, չարժե նրա հետ գլուխ դնել։ Աղջիկների համար նա մեզ վճարում է, ճիշտ է, չէի ասի շատ շռայլ․․․

― Տեղացինե՞րն էլ են գնում նրա մոտ։

― Հիմնականում ջահելները։

― Իսկ այդ խնջույքների ժամանակ ի՞նչ են անում։

― Ինչ են անո՞ւմ։ Այնտեղ ավտոբուսներով են գնում, չէ՞։ Իսկ այնտեղ արդեն վրանները պատրաստ են, բուֆետ, երժշտություն․․․ Դե, ամեն մեկն այնտեղ իր ուզածի պես զվարճանում է․․․ Սպաները՝ ավելի շատ աղջիկների հետ, տուրիստները նետվում են Գոտին տեսնելու, եթե Ջերմուկների մոտ է խնջույքը, դե այնտեղից որ ձեռք մեկնես՝ Գոտուն կհասնի․․․ Գիշակերը նրանց համար այնտեղ ձիու ոսկորներ է թափել, դե տուրիստներն էլ հեռադիտակներով նայում են․․․

― Իսկ տեղացինե՞րը։

― Տեղացինե՞րը։ Դա, իհարկե, նրանց համար հետաքրքիր չէ։ Դե, ամեն մեկը իր ձևով ուրախանում է․․․

― Իսկ Բարբրի՞ջը։

― Էհ, Բարբրիջը ի՞նչ պիտի անի։ Ոնց որ բոլորը, այնպես էլ նա․․․

― Իսկ դո՞ւ։

― Իսկ ես․․․ ի՞նչ։ Ոնց որ բոլորը, այնպես էլ ես։ Նայում եմ, հետևում եմ, որ աղջիկներին չնեղացնեն․․․ և․․․ դա, դե․․․ դե, ոնց որ բոլորը․․․

― Եվ այդ ամենը ինչքա՞ն է տևում։

― Նայած երբ։ Երբեմն՝ երեք օր, երբեմն էլ ամբողջ մի շաբաթ։

― Ու ի՞նչ արժե այդ հաճույքը, ― հարցրեց Նունանը, բոլորովին ուրիշ բանի մասին մտածելով։

Մոսոլն ինչ֊որ բան պատասխանեց, բայց Նունանը նրան չէր լսում։ Ահա այդ ճեղքը, մտածում էր նա։ Մի քանի օր․․․ Մի քանի գիշեր․․․ Այդ պայմաններում պարզապես անհնարին է հետևել Բարբրիջին, նույնիսկ եթե հատուկ նպատակ էլ դնես․․․ Եվ, այնուամենայնիվ, անհասկանալի բան է․․․ Ախր նա ոտքեր չունի, իսկ այնտեղ․․․ Չէ, մի ուրիշ բան կա․․․

― Տեղացիներից ո՞վ է միշտ գնում այնտեղ։

― Տեղացիների՞ց։ Ախր ասում եմ, չէ՞, ջահելները։ Դե, Գալևին, Ռաժբան, Հավի Ճուտ Ցապֆան, Ցմիգը։ Մալթացին էլ է լինում այնտեղ․․․ Դրանց խումբը։ Նրանք դա անվանում են «կիրակնօրյա դպրոց»։ Նրանք այնտեղ գնում են հիմնականում տարիքոտ տուրիստ կանանց համար։ Լավ փող են աշխատում։ Եվրոպայից եկած պառավների հետ ու․․․

― «Կիրակնօրյա դպրոց», ― կրկնեց Նունանը։

Հանկարծ նրա գլխում մի տարօրինակ միտք ծագեց։ Դպրոց։ Նա վեր կացավ տեղից։

― Լավ, ― ասաց նա։ ― Պարզ է, այդ խնջույքները մեր բանը չեն։ Բայց թե իմացած եղիր՝ Գիշակերը «ապրանք» ունի, իսկ դա մեր գործն է, աղավնյակս։ Մենք դա չենք կարող աչքաթող անել։ Փնտրիր, Մոսոլ, իմացիր, թե չէ ես քեզ գրողի ծոցը կուղարկեմ։ Որտեղի՞ց է նա «ապրանք» ճարում, ո՞վ է մատակարարում նրան․ այս բոլորը պարզիր ու քսան տոկոս ավելի տուր, քան նա է տալիս։ Հակացա՞ր։

― Հասկացա, բոս։ ― Արդեն Մոսոլն էլ էր կանգնել ձիգ, արյունոտ մռութին՝ հավատարմություն։

― Դե, խելքիդ զոռ կատաս, անասո՛ւն, ― հանկարծ գոռաց Նունանն ու դուրս եկավ։

Սրահում նա կանգնեց վաճառասեղանի մոտ, դանդաղ խմեց իր ապերիտիվը, Մադամի հետ խոսեց բարքերի անկման մասին, ակնարկեց, որ մտադիր է մոտ ապագայում մեծացնել հաստատությունը և, ձայնը ցածրացնելով, խորհուրդ տվեց, թե ինչպես պետք է վարվել Բեննիի հետ, ծերացել է խեղճը, չի լսում, նախկին ռեակցիան չունի, չի հասցնում առաջվա պես․․․ Արդեն ժամը վեցն էր, նա ուտել էր ուզում, իսկ մտքում անընդհատ պտտվում էր ու պտտվում մի անսպասելի միտք, որը շատ էր արտառոց ու միաժամանակ շատ բան էր բացատրում։ Ի դեպ, առանց այն էլ շատ բան բացատրվեց, այս գործից անհետացավ միստիկայի ահաբեկող ու գրգռող երանգը, մնաց միայն ինքն իրենից նեղանալը այն բանի համար, թե ինչու նախկինում չէր մտածել նման հնարավորության մասին, բայց ամենահիմնականը դա չէր, այլ այն միտքը, որ անընդհատ պտտվում ու պտտվում էր ուղեղում և հանգիստ չէր տալիս։

Հրաժեշտ տալով Մադամին և սեղմելով Բեննիի ձեռքը, Նունանը ուղիղ գնաց «Բորժչ»։ Ամենավատն այն է, որ մենք չենք նկատում, թե ինչպես են թռչում տարիները, մտածում էր Նունանը։ Թքած տարիների վրա, մենք չենք նկատում, ինչպես է ամեն ինչ փոխվում։ Մենք գիտենք, որ ամեն ինչ փոխվում է, մեզ մանկուց սովորեցնում են, որ ամեն ինչ փոխվում է, մենք շատ անգամ աչքներովոս տեսնում ենք, թե ինչպես է փոխվում, բայց և այնպես բնավ ընդունակ չենք տեսնելու այն պահը, երբ տեղի է ունենում փոփոխությունը, կամ էլ փոփոխությունը փնտրում ենք ոչ այնտեղ, որտեղ պետք է փնտրել։ Ահա արդեն հայտնվել են նոր ստալկերներ՝ կիբեռնետիկայով զինված ստալկերներ։ Հին ստալկերը կեղտոտ, մռայլ մարդ էր, որը գազանի համառությամբ, միլիմետր առ միլիմետր, փորի վրա պառկած, սողում էր Գոտում, որ փող աշխատի։ Նոր ստալկերը փողկապով պճնամոլ է, ինժեներ, իր համար նստում է Գոտուց մի կիլոմետր հեռավորության վրա, բերանին սիգարետ, արմունկի մոտ՝ զովացուցիչ հյութով լի բաժակ, այսպես նայում է ու նայում էկրաններին։ Աշխատավարձով ջենտլմեն։ Շատ տրամաբանական պատկեր է։ Այն աստիճան տրամաբանական, որ ուրիշ հնարավորություններ իսկի մտքներովն էլ չի անցնում։ Բայց չէ որ կան նաև այդպիսի հնարավորություններ, օրինակ՝ «կիրակնօրյա դպրոցը»։

Եվ հանկարծ, ասես առանց պատճառի, նա հուսահատվեց։ Ամեն ինչ իզուր է։ Ամեն ինչ անօգուտ։ Աստված իմ, մտածեց, էլ ոչ մի բան չի ստացվի։ Ոչ պահել կարող ենք, ոչ դադարեցնել։ Չկա այնպիսի մի ուժ, ոըը կարողանա զսպել, վերջ տալ այս ամենին, մտածեց նա ահաբեկված։ Եվ պատճառն այն չէ, որ մենք վատ ենք աշխատում։ Պարզապես այսպիսի աշխարհում ենք ապրում։ Ու մեր այս աշխարհում մարդիկ էլ են այդ տեսակ։ Չլիներ Այցելությունը՝ մի ուրիշ բան կլիներ։ Խոզը միշտ էլ իր համար ցեխ գտնում է․․․

«Բորժչը» պայծառ լուսավորված էր և պարուրված համեղ բուրմունքներով։ «Բորժչն» էլ էր փոխվել․ այստեղ էլ չէին պարում, ոչ էլ ուրախանում էին։ Գուտալինը հիմա այստեղ չի գալիս, զզվում է։ Եվ Ռեդրիկ Շուխարտն էլ երևի պեպենոտ քիթը մտցրել է ներս, ծամածռել դեմքն ու գնացել։ Էռնեստը մինչև հիմա բանտում է, գործերը վարում է նրա պառավը․ վերջապես հասավ իր ուզածին։ Հիմա «Բորժչն» ունի պատկառելի, մշտական հաճախորդներ, ամբողջ ինստիտուտն է այստեղ գալիս ճաշելու, ինչպես նաև գալիս են ավագ սպաները՝ հարմարավետ առանձին խցեր, համով ճաշեր էժան գներով, միշտ թարմ գարեջուր։ Հին ու բարի մեր պանդոկը։

Խցերից մեկում Նունանը տեսավ Վալենտին Պիլմանին։ Դափնեկիրը սուրճ էր խմում ու կարդում էր մեջտեղից ծալած հանդեսը։ Նունանը մոտեցավ նրան։

― Թույլ կտա՞ք ձեզ մոտ նստել, ― հարցրեց նա։

Վալենտինը սև ակնոցով աչքերը բարձրացրեց նրա վրա։

― Ա՜, ― ասաց նա, ― խնդրեմ։

― Հիմա, գնամ լվացվեմ, ― ասաց Նունանը, հանկարծ հիշելով Մոսոլի քիթը։ Այստեղ բոլորը ճանաչում էին նրան։ Երբ նա հետ եկավ ու նստեց Վալենտինի դիմաց, սեղանին արդեն դրված էր փոքրիկ թավան՝ գոլորշի արձակող շուրասկոյով, և խոշոր գավաթով գարեջուրը՝ ոչ շատ սառը, ոչ էլ տաք, ինչպես նա էր սիրում։ Վալենտինը մի կողմ դրեց հանդեսը և ձեռքը վերցրեց սուրճի բաժակը։

― Լսեք, Վալենտին, ― ասաց Նունանը, մի կտոր միս կտրելով։ ― Ինչ եք կարծում, այս ամենը ինչո՞վ պիտի վերջանա։

― Ի՞նչը նկատի ունեք։

― Այցելությունը, Գոտին, ստալկերները, ռազմաարդյունաբերական համալիրները, այս ամբողջ խառնակույտը․․․ Ինչո՞վ կվերջանա այս ամենը։

Վալենտինը երկար նայեց նրա վրա կույր, սև ապակիներով։ Հետո վառեց սիգարետն ու ասաց․

― Ո՞ւմ համար։ Կոնկրետացրեք։

― Դե, ասենք, մոլորակի մեր մասի համար։

― Դա կախված է այն բանից, մեր բախտը կբանի՞, թե չէ, ― ասաց Վալենտինը։ ― Մենք հիմա գիտենք, որ մոլորակի մեր մասի համար Այցելությունը, ընդհանուր առմամբ, անհետևանք է եղել։ Իհարկե, բացառված չէ, որ կուրորեն շագանակներ փախցնելով այդ կրակից, մենք ի վերջո մի այնպիսի բան դուրս կբերենք այնտեղից, որի պատճառով կյանքն անհնարին կդառնա ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ մոլորակում։ Դա կլինի անհաջողություն, ձախորդություն։ Սակայն համաձայնեք, որ այդ վտանգը միշտ էլ սպառնացել է մարդկությանը։ ― Նա ձեռքով ցրեց սիգրետի ծուխը և քմծիծաղեց։ ― Ես, գիտեք, վաղուց արդեն դադարել եմ մտածել համայն մարդկության մասին։ Համայն մարդկությունը չափազանց հաստատուն համակարգ է, և երբեք այն չես ընդգրկի․․․

― Դուք այդպե՞ս եք կարծում, ― հիասթափված ասաց Նունանը։ ― Դե, գուցեև այդպես է․․․

― Անկեղծ ասեք, Ռիչարդ, ― բացահայտորեն զվարճանալով, ասաց Վալենտինը։ ― Այ, ձեզ համար, գործարար մարդու համար, ի՞նչը փոխվեց Այցելության պատճառով։ Ասենք թե իմացաք, որ տիեզերքում կա ևս մեկ բանականություն, բացի մարդկանցից։ Հետո ի՞նչ։

― Դե, ինչպես ասեմ, ― կմկմաց Նունանը։ Նա արդեն ափսոսում էր, այս խոսակցությունն սկսելու համար։ Այստեղ դրա տեղը չէր։ ― Ի՞նչն է փոխվել ինձ համար․․․ Օրինակ, մի քանի տարի է արդեն ես ինչ֊որ անհարմարություն եմ զգում։ Լավ, նրանք եկան ու իսկույն գնացին։ Իսկ եթե նորից գան ու խելքներին փչի մնա՞լ։ Ինձ համար՝ գործարար մարդու համար, սա լոկ պարապ հարց չէ։ Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են ապրում, նրանց ի՞նչ է հարկավոր․․․ Եթե մտածեմ ամենապարզունակ կերպով, ապա պետք է փոխեմ արտադրությունը։ Ես պետք է պատրաստ լինեմ դրան։ Իսկ եթե ընդհանրապես պիտանի չլինեմ նրա՞նց․․․ ― Նունանը աշխուժացավ։ ― Իսկ եթե մենք բոլորս ավելորդ լինե՞նք։ Լսեք, Վալենտին, քանի որ խոսք բացվեց, արդո՞ք կան այս հարցերի պատասխանները։ Ովքե՞ր են նրանք, նրանց ի՞նչ էր հարկավոր, կգա՞ն նորից, թե չէ․․․

― Պատասխաններ կան, ― ասաց Վալենտինը քմծիծաղելով։ ― Նույնիսկ շատ֊շատ են այդ պատասխանները, որն ուզում ես ընտրիր։

― Իսկ դուք ի՞նչ եք մտածում։

― Անկեղծ ասած, ես երբեք լրջորեն չեմ մտածել այդ մասին։ Ինձ համար Այցելությունը ամենից առաջ մի բացառիկ երևույթ է, որը հղի է իմացության պրոցեսում միանգամից մի քանի աստիճան առաջ թռչելու հնարավորությամբ։ Դեպի տեխնոլոգիայի ապագան ճանապարհորդելու պես մի բան։ Դե ոնց որ, ասենք, Իսահակ Նյուտոնի լաբորատորիայում հանկարծ մի ժամանակակից քվանտային գեներատոր հայտնվեր․․․

― Նյուտոնը ոչինչ չէր հասկանա։

― Իզուր եք այդպես կարծում։ Նյուտոնը շատ խորաթափանց մարդ էր։

― Հա՞։ Դե լավ, աստված նրա հետ։ Իսկ դուք, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք բացատրում այցելությունը։ Թեկուզ ոչ լրջորեն․․․

― Լավ, կասեմ։ Միայն թե պիտի զգուշացնեմ ձեզ, Ռիչարդ, որ ձեր հարցը գտնվում է քսենոլոգիա կոչվող կեղծ գիտության իրավասության տակ։ Քսենոլոգիան գիտական ֆանտաստիկայի և ձևական տրամաբանության անբնական խառնուրդն է։ Նրա մեթոդը հիմնվում է մի արատավոր սկզբունքի վրա՝ արտամոլորակային բանականությանը պարտադրել մարդկային հոգեբանություն։

― Ինչո՞ւ է դա արատավոր, ― հարցրեց Նունանը։

― Որովհետև ժամանակին կենսաբանները մի լավ վառվեցին, երբ փորձեցին մարդու հոգեբանությունը վերագրել կենդանիներին։ Նկատի ունեցեք՝ երկրային կենդանիներին։

― Թույլ տվեք, ― ասաց Նունանը։ ― Դա բոլորովին ուրիշ բան է։ Չէ՞ որ մենք խոսում ենք բանական էակների հոգեբանության մասին․․․

― Այո։ Եվ ամեն ինչ հոյակապ կլիներ, եթե մենք գիտենայինք, թե ինչ բան է բանականությունը։

― Իսկ մի՞թե մենք չգիտենք, ― զարմացավ Նունանը։

― Պատկերացրեք՝ ոչ։ Սովորաբար ելնում են շատ տափակ մի սահմանումից․ բանականությունը մարդու այն հատկանիշն է, որը նրա գործունեությունը տարբերում է կենդանիների գործունեությունից։ Այսպես ասած՝ փորձում են տիրոջը սահմանազատել շնից, որն իբր ամեն ինչ հասկանում է, բայց խոսել չի կարողանում։ Ի դեպ, այս տափակ սահմանումից բխում են ավելի սրամիտ սահմանումներ, որոնք հենվում են ավելի սրամիտ սահմանումներ, որոնք հենվում են մարդու վերոհիշյալ գործունեության տխրալի դիտարկումների վրա։ Օրինակ, բանականությունը կենդանի արարածի այն հատկությունն է, որի շնորհիվ նա կատարում է աննպատակահարմար կամ անբնական արարքներ։

― Այո, դա հենց մեզ է վերաբերվում, ինձ նմաններին, ― վշտացած համաձայնեց Նունանը։

― Դժբախտաբար։ Կամ ասենք, այս վարկած֊սահմանումը։ Բանականությունը մի բարդ բնազդ է, որը դեռ չի հասցրել ձևավորվել։ Նկատի է առնվում այն, որ բնազդային գործունեությունը միշտ էլ նպատակահարմար է և բնական։ Կանցնի միլիոն տարի, բնազդը կձևավորվի, ու մենք այլևս չենք կատարի այն սխալները, որոնք, հավանաբար, կազմում են բանականության անքակտելի հատկանիշը։ Եվ այդժամ, եթե Տիեզերքում ինչ֊որ բան փոխվի, մենք բարեհաջող կմահանանք, և դարձյալ հենց այն պատճառով, որ հետ էինք վարժվել սխալներ գործելուց, այսինքն՝ խիստ ծրագրով չնախատեսված զանազան տարբերակներ փորձելուց։

― Այդ ամենը, ինչ֊որ ասում եք, շատ ստորացուցիչ է․․․

― Խնդրեմ, այդ դեպքում կասեմ ևս մեկ սահմանում՝ վեհ ու ազնիվ։ Բանականությունը շրջապատող աշխարհի ուժերն օգտագործելու հատկությունն է՝ առանց այդ աշխարհը ավերելու։

Նունանը կնճռոտեց դեմքը և օրորեց գլուխը։

― Ոչ, ― ասաց նա։ ― Դա մեզ չի վերաբերվում․․․ Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ մարդը, ի տարբերություն կենդանիների, գիտելիքների նկատմամբ անհաղթահարելի պահանջով օժտված էակ է։ Ես սա կարդացել եմ ինչ֊որ տեղ։

― Ես էլ եմ կարդացել, ― ասաց Վալենտինը։ ― Բայց դժբախտությունն այն է, որ մարդը, համենայն դեպս զանգվածային մարդը, նա, որին դուք ի նկատի եք ունենում, երբ ասում եք՝ «մեզ է վերաբերվում», հեշտությամբ է հաղթահարում գիտելիքների նկատմամբ իր այդ պահանջը։ Աստծու մասին վարկածը, օրինակ, մեզ մի անօրինակ հնարավորություն է տալիս բացարձակապես ամեն ինչ հասկանալ, բացարձակապես ոչ մի բան չհասկանալով․․․ Տվեք մարդուն աշխարհի ծայրաստիճան պարզունակ մի մոդել և բոլոր իրադարձությունները մեկնաբանեք այս պարզունակացված մոդելի վրա հիմնվելով։ Նման մոտեցումը ոչ մի գիտելիք չի պահանջում։ Անգիր արած մի քանի բանաձև, գումարած այսպես կոչված ինտուիցիան, այսպես կոչված գործնական ուշիմությունը և այսպես կոչված առողջ դատողությունը։

― Սպասեք, ― ասաց Նունանը։ Նա մինչև վերջ խմեց գարեջուրը և դատարկ գավաթը շրխկոցով դրեց սեղանին։ ― Մի՛ շեղվեք։ Եկեք, այնուամենայնիվ, այսպես մտածենք։ Մարդը հանդիպել է այլմոլորակային էակի հետ։ Ւնչպե՞ս պիտի նրանք իմանան, որ երկուսն էլ բանական էակներ են։

― Գաղափար չունեմ, ― ասաց Վալենտինը, մի տեսակ ուրախանալով։ ― Այն ամենը, ինչ ես կարդացել եմ դրա վերաբերյալ, հանգում է արատավոր շրջանին։ Եթե նրանք ընդունակ են շփման, հարաբերակցվելու, ուրեմն բանական էակներ են։ Եվ ընդհակառակը։ Եթե նրանք բանական են, ուրեմն ընդունակ են հարաբերակցվելու։ Եվ ընդհանրապես, եթե այլմոլորակային էակը պատիվ ունի օժտված լինելու մարդու հոգեբանությամբ, ուրեմն նա բանական էակ է։ Այ, այսպես։

― Այ քեզ բա՜ն, ― ասաց Նունանը։ ― Իսկ ես կարծում էի, թե ձեզ համար ամեն ինչ պարզ է ու տեղը տեղին դասավորված դարակներում։

― Կապիկն էլ կարող է դարակներում դասավորել, ― նկատեց Վալենտինը։

― Ոչ, սպասեք, ― ասաց Նունանը։ Չգիտես ինչու, նա իրեն խաբված էր զգում։ ― Բայց եթե դուք չգիտեք այդ հասարակ բաները․․․ Լավ, գրողը տանի այդ բանականությունը․․․ Երևում է, սատանան էլ դրանից գլուխ չի հանի։ Իսկ Այցելության հարցը․․․ Այնուամենայնիվ, դուք ի՞նչ եք մտածում այցելության մասին։

― Խնդրեմ, ― ասաց Վալենտինը։ ― Հապա պատկերացրեք մի խնջույք բնության գրկում։

Նունանը ցնցվեց։

― Ինչ ասացի՞ք։

― Խնջույք։ Հապա պատկերացրեք․ անտառ, ճանապարհ, մարգագետին։ Ճանապարհից մարգագետին է մտնում մի ավտոմեքենա, ավտոմեքենայից դուրս են թափվում ջահել տղաներ ու աղջիկներ՝ շշերով, ուտելիքով զամբյուղներով, տրանզիստորներով, ֆոտո և կինոապարատներով․․․ Խարույկ են վառում, վրաններ խփում, անընդհատ հնչում է երաժտությունը։ Իսկ առավոտյան նրանք մեկնում են։ Գազանները, թռչուններն ու միջատները, որոնք ամբողջ գիշեր սարսափով դիտում էին տեղի ունեցածը, դուրս են գալիս իրենց թաքստոցներից։ Ու ի՞նչ են տեսնում։ Խոտի վրա քսայուղ ու բենզին է թափված, կիսատ մոմեր ու յուղի զտիչներ։ Ինչ ասես որ չի մնացել՝ այրված լամպեր, բացիչներ, դողերից պոկված ցեխ․․․ և, ինքներդ էլ եք հասկանում՝ խարույկի մնացորդներ, կծած խնձորներ, կոնֆետի թղթեր, պահածոյի տուփեր, դատարկ շշեր, ինչ֊որ մեկի թաշկինակը, դանակ, հին ու պատռված թերթեր, ուրիշ տեղերից քաղված ու արդեն թոշնած ծաղիկներ․․․

― Ես հասկացա, ― ասաց Նունանը։ ― Խնջույք ճամփեզրին։

― Հենց այդպես։ Խնջույք՝ ինչ֊որ մի տիեզերական ճանապարհի եզրին։ Իսկ դուք հարցնում եք ինձ կվերադառնա՞ն նրանք, թե չէ։

― Ինձ մի սիգարետ տվեք, ― ասաց Նունանը։ ― Գրողը տանի ձեր կեղծ գիտությունը։ Ես այդ ամենը բոլորովին ուրիշ կերպ էի պատկերացնում։

― Դա ձեր իրավունքն է, ― նկատեց Վալենտինը։

― Ուրեմն, դուրս է գալիս, որ նրանք նույնիսկ մեզ չեն էլ նկատե՞լ։

― Ինչո՞ւ։

― Դե, համենայն դեպս, ուշադրություն չեն դարձրել մեզ վրա։

― Գիտեք, ես ձեր տեղը լինեի, երբեք չէի վշտանա, ― խորհուրդ տվեց Վալենտինը։

Նունանը ծուխը ներս քաշեց, հազաց ու դեն գցեց սիգարետը։

― Միևնույն է, ― համառորեն ասաց նա։ ― Չի կարող պատահել։ Գրողը տանի ձեզ՝ գիտնականներիդ։ Այդ որտեղի՞ց է ձեզ մոտ նման արհամարանքը մարդու նկատմամբ։ Ինչո՞ւ եք դուք ձգտում անընդհատ նվաստացնել նրան․․․

― Սպասեք, սպասեք, ― ասաց Վալենտինը։ ― Լսեք։ «Դուք կհարցնեք ինձ․ մարդը ինչո՞վ է մեծ, ― ասաց նա։ ― Նրանով, որ ստեղծել է երկրորդ բնությո՞ւնը։ Որ շարժման մեջ է դրել գրեթե տիեզերական ուժե՞ր։ Որ աննշան ժամանակամիջոցում տիրել է ամբողջ մոլորակին և պատուհան բացել դեպի Տիեզե՞րք։ Ո՛չ։ Մարդը նրանով է մեծ, որ, չնայած այս ամենին, սպրում է և մտադիր է ապրել այսուհետ»։

Տիրեց լռություն։ Նունանը մտքերի մեջ էր ընկել։

― Միգուցե, ― ասաց նա անվստահ։ ― Իհարկե, եթե այդ տեսանկյունից․․․

― Լավ, դուք մի՛ վշտացեք, ― բարեհոգաբար ասաց Վալենտինը։ ― Խնջույքը սոսկ իմ վարկածն էր։ Եվ նույնիսկ ոչ թե վարկած, այլ, այսպես ասած, պատկեր․․․ Այսպես կոչված լուրջ քսենոլոգները ճգնում են հիմնավորել շատ ավելի պատկառելի և մարդկային ինքնասիրությունը շոյող վերսիաներ։ Օրինակ, որ ոչ մի Այցելություն էլ չի եղել, որ նոր միայն պիտի լինի Այցելությունը։ Ոմն բարձրագույն բանականությունը մեր Երկիրն է նետել իր նյութական կուլտուրայի նմուշներով կոնտեյներներ։ Սպասվում է, որ մենք կուսումնասիրենք այդ նմուշները, տեխնոլոգիական թռիչք կկատարենք ու կկարողանանք նրանց ուղարկել պատասխան ազդանշանը, որը հենց կնշանակի շփման մեջ մտնելու իրական պատրաստակամություն։ Սա ձեզ դո՞ւր է գալիս։

― Դա շատ ավելի լավ է, ― ասաց Նունանը։ ― Ես տեսնում եմ, որ գիտնականների մեջ էլ են հանդիպում կարգին մարդիկ։

― Կամ՝ սա։ Այցելությունը իրոք եղել է, սակայն բնավ էլ չի վերջացել։ Փաստորեն մենք հիմա գտնվում ենք շփման վիճակում, միայն թե գլխի չենք ընկնում․․․ Եկվորները բնավորվել են Գոտիներում ու ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրում են մեզ, միաժամանակ նախապատրաստելով «գալիքի ահեղ հրաշքներին»։

― Այ դա ես հասկանում եմ, ― ասաց Նունանը։ ― Համենայն դեպս, գոնե հասկանալի է, թե այդ ինչ խորհրդավոր եռուզեռ, քաշքշոց է տեղի ունենում գործարանի ավերակներում։ Ի միջի այլոց, ձեր խնջույքը չի բացատրում այդ եռուզեռը։

― Ո՞նց թե չի բացատրում, ― առարկեց Վալենտինը։ ― Չէ՞ որ աղջիկներից մեկը կարող էր այնտեղ թողած լինել իր լարովի արջուկը․․․

― Դեհ, այդ մեկը չեղավ, ― վճռականորեն ասաց Նունանը։ ― Լավ արջուկ է՝ գետինը ցնցվում է․․․ Ասենք, կարող է նաև արջուկ լինել։ Գարեջուր կուզե՞ք։ Ռոզալիա՜։ Երկու գարեջուր պարոն քսենոլոգներին․․․ Իսկ ձեզ հետ զրուցելը շատ հաճելի է, ― ասաց նա Վալենտինին։ ― Ուղեղս մաքրվեց, ոնց որ անգլիական աղ լցնեին գանգիս մեջ։ Թե չէ աշխատում ես, աշխատում, իսկ թե ինչու, ինչի համար, ինչ կլինի, ինչ կպատահի, ինչով սիրտդ կհովանա․․․

Գարեջուր բերեցին։ Նունանը մի կում արեց փրփուրի վրայից, տեսնելով, որ Վալենտինը զզվանքով ու կասկածանքով է նայում իր գավաթին։

― Հը, լավը չի՞, ― հարցրեց նա, լպստելով շրթունքները։

― Դե ես, ճիշտն ասած, չեմ խմում, ― տատանվելով ասաց Վալենտինը։

― Իսկապե՞ս, ― զարմացավ Նունանը։

― Գրողը տանի, ― ասաց Վալենտինը և վճռականորեն մի կողմ հրեց գավաթը։ ― Ավելի լավ է ինձ համար կոնյակ պատվիրեք։

― Ռոզալիա՜, ― անմիջապես գոռաց ուրախացած Նունանը։

Երբ կոնյակը բերեցին նա ասաց․

― Եվ, այնուամենայնիվ, այդպես չի կարելի։ Ես արդեն չեմ խոսում ձեր խնջույքի մասին, դա ընդհանրապես խոզություն է, բայց եթե նույնիսկ ընդունենք այն տեսակետը, իբր դա շփման նախերգանքն է, դարձյալ լավ չէ։ Ես հասկանում եմ՝ «ապարանջանները», «փուչիկները»․․․ Բայց «վհուկի դոնդողն» ինչի՞ համար է, «մժեղի ճաղատը» այդ նողկալի աղվամազը․․․

― Ներեցեք, ― ասաց Վալենտինը, մի կտոր լիմոն ջոկելով։ ― Ես չեմ հասկանում ձեր տերմինները։ Ոնց ասացի՞ք, ի՞նչ «ճաղատ»։

Նունանը ծիծաղեց։

― Դա բանահյուսություն է, ― բացատրեց նա։ ― Ստալկերների աշխատանքային ժարգոնը։ «Մժեղի ճաղատը» դա գերբարձր գրավիտացիայի շրջանն է։

― Հա՜, գրավիկոնցենտրատները․․․ Ուղղորդված գրավիտացիա։ Այ դրա մասին ես մեծ հաճույքով կխոսեի, բայդ դե դուք ոչ մի բան չեք հասկանա։

― Իսկ ինչո՞ւ չեմ հասկանա։ Չէ որ ես ինժեներ եմ։

― Որովհետև ինքս էլ չեմ հասկանում, ― ասաց Վալենտինը։ ― Ես ունեմ հավասարումների համակարգեր, բայց թե դրանք ինչպես պետք է մեկնաբանել՝ չեմ պատկերացնում․․․ Իսկ «վհուկի դոնդողը» երևի կոլոիդային գազն է, հա՞։

― Ճիշտ այդպես։ Լսե՞լ եք Կարիգանովյան լաբորատորիաներում տեղի ունեցած աղետի մասին։

― Ինչ֊որ բան լսել եմ, ― դժկամորեն արձագանքեց Վալենտինը։

― Այդ ապուշները «դոնդողով» լի ճենապակյա արկղը դրել են հատուկ խցի մեջ, որը լրիվ մեկուսացված է եղել․․․ Այսինքն՝ նրանք այդպես են կարծել, որ լրիվ մեկուսացված է․․․ Իսկ երբ մանիպուլյատորներով բացել են արկղը, «դոնդողը» անցել է մետաղների ու պլաստիկի միջով, ոնց որ ջուրը ծծանի միջով, դուրս է պրծել արկղից, և այն ամենը, ինչի որ կպել է, վեր է ածվել «դոնդողի»։ Երեսումհինգ մարդ զոհվել են, հարյուրից ավելին հաշմվել, իսկ լաբորատորիայի շենքը լրիվ ավերվել է։ Դուք երբևիցե եղե՞լ եք այնտեղ։ Հոյակապ կառույց էր․․․ Իսկ հիմա «դոնդողը» հոսել է նկուղներն ու ներքևի հարկերը․․․ Ահա ձեզ շփման նախերգանքը։

Վալենտինի դեմքը կնճռոտվեց։

― Այո, ես գիտեմ այդ բոլորը, ― ասաց նա։ ― Սակայն համաձայնեք, Ռիչարդ, որ եկվորներն այստեղ ոչ մի մեղք չունեն։ Նրանք որտեղից կարող էին իմանալ մեր ռազմաարդյունաբերական համալիրների գոյության մասին։

― Բայց պետք է որ իմանային, ― խրատական ձայնով ասաց Նունանը։

― Նրանք ձեզ այսպես կպատասխանեին․ պետք է որ դուք վաղուց, շատ վաղուց ոչնչացրած լինեիք ռազմաարդյունաբերական համալիրները։

― Դա էլ է ճիշտ, ― համաձայնեց Նունանը։ ― Դե թող նրանք էլ զբաղվեին դրանով, եթե այդքան զորեղ էին։

― Այսինքն դուք առաջարկուն եք նրանց միջամտությունը մարդկության ներքին գործերի՞ն։

― Հըմ, ― ասաց Նունանը։ ― Մենք այսպես շատ հեռու կգնանք։ Չխոսենք այդ մասին։ Ավելի լավ է վերադառնանք մեր խոսակցության սկզբին։ Ինչո՞վ կվերջանա այս ամենը։ Այ օրինակ, դուք, գիտնականներդ, հույս ունե՞ք, որ Գոտուց կստանաք ինչ֊որ մի հիմնավոր, կարևոր բան, այնպիսի մի բան, որն իրոք ընդունակ կլինի հեղաշրջելու գիտությունը, տեխնոլոգիան ու մարդկանց կենսակերպը․․․

Վալենտինը թափ տվեց ուսերը։

― Դուք սխալ հասցեով եք դիմում, Ռիչարդ։ Ես չեմ սիրում հենց այնպես երևակայել։ Երբ խոսքը վերաբերում է այդպիսի լուրջ բաներին, ես գերադասում եմ զգույշ կասկածամտությունը։ Եթե ելնենք այն բանից, ինչ արդեն մենք ստացել ենք, մեզ սպասում է հնարավորությունների մի ամբողջ ասպեկտ, ու ոչ մի որոշակի բան չի կարելի ասել։

― Դե լավ, փորձենք մյուս ծայրից։ Ձեր կարծիքով, դուք ի՞նչ եք ստացել։

― Որքան էլ որ դա զավեշտական հնչի՝ շատ քիչ բան։ Մենք բազում հրաշքներ ենք հայտնաբերել։

Որոշ դեպքերում նույնիսկ սովորել ենք այդ հրաշքները օգտագործել մեր կարիքների համար։ Նույնիսկ ընտելացել ենք դրանց․․․ Կապիկը սեղմում է կարմիր կոճակը և ստանում է բանան, սեղմում է սպիտակը՝ ստանում է նարինջ, բայց թե առանց կոճակը սեղմելու բանան ու նարինջ ինչպես ձեռք բերի, նա չգիտի։ Ու չի էլ հասկանում, թե այդ կոճակներն ինչ կապ ունեն բանանների ու նարինջների հետ։ Վերցնենք, օրինակ, «էտակները»։ Մենք սովորել ենք օգտագործել դրանք։ Նույնիսկ գտել ենք այն պայմանները, որոնց դեպքում նրանք բազմանում են կիսվելու եղանակով։ Բայց մինչև հիմա չենք կարողացել ստեղծել գոնե մեկ «էտակ», չենք հասկանում դրանց կառուցվածքը և, դատելով ըստ ամենայնի, այնքան էլ շուտ չենք գլուխ հանի այդ ամենից․․․ Ես այսպես կասեի։ Կան օբյեկտներ, որոնք մենք կարողանում ենք օգտագործել։ Թեև դրանք օգտագործում ենք բնավ էլ ոչ այնպես, ինչպես օգտագործում են եկվորները։ Եա միանգամայն համոզված եմ, որ հիմնականում ջուր ենք ծեծում։ Բայց և այնպես որոշ բաներ օգտագործում ենք՝ «էտակները», «ապարանջանները», որոնք խթանում են կենսական պրոցեսը․․․ քվազիկենսաբանական զանգվածների տարբեր տիպերը, որոնք մեծ հեղաշրջում կատարեցին բժշկության մեջ․․․ Մենք ստացել ենք նոր տրանկվիլիզատորներ, նոր տեսակի հանքային պարարտանյութեր, որոնք հեղաշրջում են ագրոնոմիան․․․ Ասենք, ինչո՞ւ եմ թվարկում․․․ Դուք այս բոլորը գիտեք ինձնից ոչ պակաս, տեսնում եմ, որ նույնիսկ «ապարանջան» եք կրում․․․ Օբյեկտների այս խումբն անվանենք օգտակար։ Կարելի է ասել, որ մարդկությունը ինչ֊որ չափով երախտապարտ է նրանց, թեև երբեք չպետք է մոռանալ, որ մեր էվկլիդեսյան աշխարհում ամեն մի փայտ երկու ծայր ունի․․․

― Անցանկանալի կիրառություննե՞ր, ― ասաց Նունանը։

― Ճիշտ այդպես, օրինակ, «էտակների» կիրառումը ռազմական արդյունաբերության մեջ․․․ Ես այդ մասին չեմ խոսում։ Օգտակար օբյեկտներից յուրաքանչյուրը քիչ թե շատ ուսումնասիրված է մեր կողմից, քիչ թե շատ բացատրված։ Այժմ մեր նեղ տեղը տեխնոլոգիան է, բայց դե հիսուն տարի հետո մենք կսովորենք պատրաստել այդ թագավորական կնիքները և քեֆներս ուզածի չափ ընկույզ կջարդենք դրանցով։ Ավելի բարդ է մյուս օբյեկտների հարցը։ Բարդ է հենց այն պատճառով, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում կիրառել դրանք, ու նրանց հատկություններն էլ բացարձակապես անբացատրելի են մեր այժմյան պատկերացումների շրջանաներում։ Օրինակ, տարբեր տիպի մագնիսական ծուղակները։ Պանովը շատ սրամտորեն է դա ապացուցել։ Բայց մենք չենք հասկանում, թե որտե՞ղ է այդքան հզոր մագնիսական դաշտի աղբյուրը, ո՞րն է նրա գերհաստատունության պատճառը․․․ Ոչ մի բան չենք հասկանում։ Մենք միայն կարող ենք ֆանտաստիկ վարկածներ հորինել տարածության այնպիսի հատկանիշների վերաբերյալ, որոնց մասին նախկինում չէինք էլ կասկածում․․․ Կամ K―23֊ը․․․ Ինչպե՞ս եք դուք անվանում այդ գեղեցիկ սև գնդիկները, որոնք օգտագործում եք որպես զարդ։

― «Սև ցայտեր», ― ասաց Նունանը։

― Այ, հենց այդ «սև ցայտերը»․․․ Լա՜վ անուն եք դրել․․․ Դե, դուք գիտեք դրանց հատկությունների մասին։ Եթե այդ գնդիկների մեջ լույսի ճառագայթ բաց թողնենք, ապա լույսն այնտեղից դուրս կգա ուշացումով, ընդ որում այդ ուշացումը կախված է գնդիկի կշռից, չափերից, և մի քանի պարամետրերից, և հետո՝ դուրս եկող լույսի հաճախականությունը փոքր է ներս մտնող լույսի հաճախականությունից․․․ Դա ի՞նչ բան է։ Ինչո՞ւ։ Կա մի խելացնոր տեսություն, իբր ձեր այդ «սև ցայտերը» էությունն են տարածության մի վիթխարի շրջանի, որը, այսինքն՝ այդ տարածությունը, օժտված է բոլորովին այլ հատկություններով, քան մեր տարածությունը, և շրջված ձև է ընդունել մեր տարածության ազդեցության տակ․․․ Վալենտինը մի սիգարետ վառեց ու սկսեց ծխել։ ― Կարճ ասած, այս խմբի օբյեկտները բնավ պիտանի չեն ներկայիս մարդկային գործունեությանը, թեև զուտ գիտական տեսակետից վիթխարի նշանակություն ունեն։ Դրանք երկնքից մեր գլխին թափվաած պատասխաններն են այն հարցերի, որոնք մենք դեռ չենք կարող տալ։ Վերոհիշյալ սըր Իսահակը, թերևս, գլուխ չէր հանի լազերից, բայց նա համենայն դեպս կհասկանար, որ դա հնարավոր բան է, և դա մեծապես կազդեր նրա գիտական աշխարհայեցողության վրա։ Ես չեմ ուզում ընկնել մանրամասների հետևից, բայց այնպիսի օբյեկտների գոյությունը, ինչպիսին են մագնիսական ծուղակները, K―23֊ը, «սպիտակ օղակը», իսպառ ջնջեցին վերջերս փթթող տեսությունները և կյանքի կոչեցին բոլորովին նոր գաղափարներ։ Բայց չէ որ կա երրորդ խումբը․․․

― Այո, ― ասաց Նունանը։ ― «Վհուկի դոնդողը» ու մյուս հրաշքները։

― ՉԷ, չէ։ Այս ամենը պետք է դասել կամ առաջին, կամ երկրորդ խմբին։ Ես նկատի ունեմ այն օբյեկտները, որոնց մասին մենք ոչ մի բան չգիտենք, կամ սոսկ միայն լսել ենք ու ոչ մի անգամ չենք տեսել մեր աչքով։ Այն, ինչ մեր քթի տակից փախցրին ստալկերները ու ծախեցին չգիտես ում, կամ էլ թաքցրին։ Այն, ինչի մասին նրանք լռում են։ Առասպելներ և կիսաառասպելներ՝ «ցանկությունների մեքենա», «շրջմոլիկ Դիկ», «ուրախ ուրվականներ»․․․

― Մի րոպե․․․ մի րոպե, ― ասաց Նունանը։ ― Դա ի՞նչ բան է։ «Ցանկությունների մեքենան» հասկանում եմ․․․

Վալենտինը ծիծաղեց։

― Դեհ, մենք էլ մեր աշխատանքային ժարգոնն ունենք։ «Շրջմոլիկ Դիկը» ― դա հենց այն վարկածի լարովի արջուկն է, որը անկարգություն է անում գործարանի ավերակներում։ Իսկ «ուրախ ուրվականը» շատ վտանգավոր մրրիկային հոսանք է, որ նկատվում է Գոտու որոշ շրջաններում։

― Առաջին անգամ եմ լսում, ― ասաց Նունանը։

― Հասկացեք, Ռիչարդ, ― ասաց Վալենտինը, ― մենք Գոտում քչփորում ենք երկու տասնյակ տարի, բայց չգիտենք նրա պարունակածի հազարերորդ մասն անգամ։ Իսկ եթե խոսենք մարդու վրա Գոտու ազդեցության մասին․․․ Այստեղ, ի դեպ, մենք ստիպված կլիներ մտցնել ևս մեկ դասակարգում՝ չորրորդ խումբը։ Սրդեն ոչ թե օբյեկտների խումբ, այլ ազդեցությունների ։ Այս խումբը անասելի վատ է ուսումնասիրված, թեև, իմ կարծիքով, բավականաչափ փաստեր են կուտակվել։ Ու գիտեք, Ռիչարդ, ես երբեմն ամբողջ մարմնով սարսռում եմ, երբ մտածում եմ այդ փաստերի մասին։

― Կենդանի հանգուցյալներ․․․ ― մրմնջաց Նունանը։

― Ի՞նչ։ Ա՜հ․․․ Ոչ, դա առեղծված է, բայց ոչ ավելին։ Ինչպես ասեմ․․․ Դա կարելի է պատկերացնել, գուցե․․․ Իսկ այ երբ մարդու հետ հանկարծ սկսում են տեղի ունենալ արտաֆիզիկական, արտակենսաբանական երևույթներ․․․

― Հա, դուք նկատի ունեք վտարանդինրի՞ն․․․

― Ճիշտ այդպես։ Մաթեմատիկական վիճակագրությունը, իմացած եղեք, շատ ստույգ գիտություն է, թեև գործ ունի հենց պատահական մեծությունների հետ։ Ու, դրանից բացի, շատ պերճախոս գիտություն է, շատ ակնառու․․․

Երևում է Վալենտինը մի քիչ հարբել էր։ Նա սկսեց խոսել ավելի բարձրաձայն, այտերը կարմրեցին, իսկ հոնքերը վեր թռան՝ ճակատը վերածելով հարմոնի։

― Սիրում եմ չխմողներին, ― հեգնեց Նունանը։

― Մ՛ի շեղվեք, ― խիստ ասաց Վալենտինը։ ― Լսեք, ձեզ ինչ եմ պատմում։ Դա շատ տարօրինակ պատմություն է։ ― Նա բաժակը մոտեցրեց շուրթերին, միանգամից խմեց կեսը և շարունակեց։ ― Մենք չգիտենք, թե ինչ է կատարվել խեղճ հարմոնտցիների հետ Այցելության պահին։ Բայց ահա նրանցից մեկը որոշում է գաղթել։ Մի ինչ֊որ շատ սովորական բնակիչ։ Վարսավիր։ Վարսավիրի որդի և վարսավիրի թոռ։ Նա, ասենք, մեկնում է Դետրոյտ։ Այնտեղ վարսավիրանոց է բացում, ու սկիզբ են առնում անիծյալ դժբախտությունները։ Նրա հաճախորդների իննսուն տոկոսից ավելին զոհվում են մեկ տարվա ընթացքում, զոհվում են ավտովթարներից, ներքև են ընկնում պատուհաններից, սպանվում են գանգստերների ու խուլիգանների գնդակներից, խեղդվում են ծանծաղ տեղերում և այլն, և այլն։ Աճում է տարերային աղետների թիվը Դետրոյտում և նրա շրջակայքում։ Ինչ֊որ տեղից շարունակ հայտնվում են թայֆուններ և մրրիկներ, մի բան, որ այս վայրերում չի նկատվել հազար ութ հարյուր․․․ մոռացված թվականներից ի վեր։ Եվ այլ նման բաներ։ Եվ նման աղետներ տեղի են ունենում ամեն մի քաղաքում, ամեն մի վայրում, որտեղ բնակություն է հաստատում Այցելության շրջանից եկած գաղթականը, ու այդ աղետների քանակը ուղիղ համեմատական է տվյալ վայրում բնակված գաղթականների թվին։ Եվ նկատենք, նման ազդեցություն գործում են միայն այն գաղթողները, որոնք տեսել են Այցելությունը։ Այցելությունից հետո ծնվածները ոչ մի ազդեցություն չեն գործում պատահարների վիճակագրության վրա։ Դուք այնտեղ ապրում եք տասը տարի, բայց դուք եկել եք Այցելությունից հետո, ու ձեզ առանց վախի կարելի է բնակեցնել հենց թեկուզ Վատիկանում։ Ինչպե՞ս բացատրել այս ամենը։ Ինչի՞ց պետք է հրաժարվել՝ վիճակագրությունի՞ց։ Թե՞ ողջամտությունից։ ― Վալենտինը թափով վերցրեց բաժակն ու մի շնչով դատարկեց։

Ռիչարդ Նունանը քորեց ականջի հետևը։

― Հը՜մ․․․ այո․․․ ― ասաց նա։ Ես լսել էի նման բաների մասին, բայց, ճիշտն ասած, միշտ կարծել եմ, որ դրանք, մեղմ ասած, մի քիչ չափազանցված են․․․ Իրոք, մեր հզոր պոզիտիվիստական գիտության տեսանկյունից․․․

― Կամ, ասենք, Գոտու մուտագենային ազդեցությունը, ― ընդհատեց նրան Վալենտինը։ Նա հանեց ակնոցը և Նունանին հառեց սև, կարճատես աչքերը։ ― Այն մարդիկ, որոնք բավականին երկար են շփվում Գոտու հետ, ենթարկվում են փոփոխությունների՝ ինչպես ֆենոտիպիկ, այնպես էլ գենոտիպիկ փոփոխությունների։ Դուք գիտեք, թե ստալկերներն ինչպիսի երեխաներ են ունենում, և թե ինչ է կատարվում հենց նրանց՝ ստալկերների հետ։ Ինչո՞ւ։ Որտե՞ղ է մուտագենային գործոնը։ Գոտում ոչ մի ճառագայթում չկա։ Գոտու օդի և հողի քիմիական կառուցվածքը թեև ունի իր յուրահատկությունները, սակայն մուտագենային ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Ինչ է մնում ինձ, որ նման պայմաններում սկսեմ կախարդանքի՞ հավատալ։ Չար աչքի՞․․․

― Ես ձեզ կարեկցում եմ, ― պատասխանեց Նունանը։ ― Բայց անկեղծ ասած, կենդանացած մեռելները իմ նյարդերի վրա ավելի վատ են ազդում, քան վիճակագրության տվյալները։ Մանավանդ, որ վիճակագրության տվյալները ես ոչ մի անգամ չեմ տեսել, իսկ մեռելներին շատ եմ տեսել ու զգացել․․․

Վալենտինը թեթևամտորեն թափ տվեց ձեռքը․

― Ահ, ձեր մեռելներն էլ․․․ ― ասաց նա։ ― Լսեք, Ռիչարդ, դուք չե՞ք ամաչում։ Չէ որ դուք, այնուամենայնիվ, կրթված մարդ եք․․․ Նախ նրանք բնավ էլ մեռել չեն։ Չէ որ դրանք մուլյաժներ են․․․ Կաղապարվածքներ, սարքված կմախքներ․․․ խրտվիլակներ․․․ Ւսկ հետո, հավատացնում եմ ձեզ, ըստ հաստատուն սկզբունքների տեսության, ձեր այդ մուլյաժները շատ ավելի զարմանալի չեն, քան հավերժական ակումուլյատորները։ Պարզապես «էտակները» խախտում են տերմոդինամիկայի առաջին սկզբունքը, իսկ մուլյաժները՝ երկրորդ։ Ահա և դրանց տարբերությունը։ Մենք բոլորս ինչ֊որ չափով քարանձավային մարդ ենք․ մեզ համար ուրվականը ամենասարսափելի բանն է։ Մինչդեռ պատճառականության սկզբունքների խախտումը շատ ավելի սարսափելի բան է, քան ուրվականների մի ամբողջ խումբը կամ Ռուբինշտեյնի, թե Վալենշտեյնի հրեշները․․․

― Ֆրանկենշտեյնի։

― Հա, իհարկե, Ֆրանկենշտեյնի։ Մադամ Շելլին․․․ Բանաստեղծի կինը։ Կամ աղջիկը։ ― Նա հանկարծ ծիծաղեց։ ― Ձեր այդ մուլյաժները շատ ուշագրավ հատկություն ունեն՝ ինքնավար կենսունակություն։ Օրինակ, կարելի է կտրել նրանց մի որևէ մասը, ու այդ մասը կսկսի ապրել։ Առանձին։ Առանց որևէ ֆիզիոլոգիական լուծույթի․․․ Այ, վերջերս ինստիտուտ բերեցին այդպիսի մի բան․․․ Սա ինձ լաբորանտ Բոյդանն է պատմել․․․ ― Վալենտինը ծիծաղեց։

― Իսկ գուցե տո՞ւն գնանք, Վալենտին, ― ասաց Նունանը, նայելով ժամացույցին։ ― Ես էլի կարևոր գործ ունեմ։

― Գնանք, ― ասաց Վալենտինը, իզուր ճգնելով դրմքը մտցնել ակնոցի մեջ, և, վերջապես, երկու ձեռքով վերցրեց ակնոցն ու դրեց քթին։ ― Դուք մեքենայո՞վ եք։

― Այո, ես ձեզ կտանեմ տուն։

Նրանք վճարեցին և ուղղվեցին դեպի դուռը։ Վալենտինն անընդհատ ձեռքը թափով բարձրացնում էր դեպի քունքը, ողջունելով ծանոթ լաբորանտներին, որոնք հետաքրքրությամբ նայում էին համաշխարհային ֆիզիկայի հսկային։ Հենց դռան մոտ ողջունելով ամբողջ դեմքով մեկ ժպտացող դռնապանին, նա վայր գցեց ակնոցը, ու երեքով նետվեցին այն բռնելու։

― Ես վաղը փորձ ունեմ։ Գիտեք, դա շատ հետաքրքրիր բան է․․․ ― մռթմռթաց Վալենտինը, խցկվելով «պեժոյի» մեջ։

Ու նա սկսեց պատմել վաղվա փորձի մասին։ Նունանը նրան տարավ գիտաքաղաք։

Տես որ սրանք էլ են վախենում, մտածում էր Նունանը, նորից նստելով իր «պեժոն»։ Վախենում են լայնաճակատները․․․ Եվ հենց այդպես էլ պետք է լինի։ Նրանք ավելի շատ պետք է վախենան, քան մենք, բոլոր հասարակ մահկանացուներս միասին վերցրած։ Չէ՞ որ մենք ոչինչ չենք հասկանում, իսկ նրանք, համենայն դեպս, հասկանում են, որ ոչինչ չեն հասկանում։ Նայում են այդ անհատակ անդունդին ու գիտեն, որ անխուսափելիորեն պետք է իջնեն այնտեղ, ու սրտները վախից պայթում է, բայց պիտի իջնեն, իսկ թե ինչպես պետք է իջնեն, ինչ կա այնտեղ հատակում, և, ամենագլխավորը, արդյոք կկարողանա՞ն վերադառնալ՝ չգիտեն․․․ Իսկ մենք՝ մեղավորներս, բոլորովին ուրիշ կողմ ենք նայում։ Լսիր, գուցե հենց այդպես էլ պետք է լինի։ Թող ամեն ինչ գնա իր ճանապարհով, իսկ մենք մի կերպ մեր գլուխը կպահենք։ Նա ճիշտ ասաց․ մարդկության ամենահերոսական արարքն այն է, որ գոյատեևել է և մտադիր է այսուհետ ևս գոյատեևել․․․ Ու թող գրողի ծոցը գնաք, դուք, եկվորներ․․․ Չէի՞ք կարող ձեր այդ զբոսանք֊խնջույքը սարքել մի ուրիշ տեղ։ Օրինակ՝ Լուսնի վրա․․․ Կամ մարսի․․․ Դուք էլ անհոգի բան դուրս եկաք, ոնց որ բոլորը, չնայած սովորել եք կրճատել տարածությունը։ Դրա՜նց տես, իրենց համար քեֆ անելու տեղ են գտել․․․ խնջույք․․․

Ոնց գլուխ հանեմ այդ խնջույքներից, մտածում էր նա, դանդաղ վարելով «պեժոն» վառ լուսավորված թաց փողոցներով։ Ոնց որ մեխանիկայի մեջ։ Ինչիս է պետք իմ այդ ոչուփուչ ինժեներական դիպլոմը, եթե չպիտի կարողանամ մի անոտ սրիկայի հախից գալ․․․

Նա մեքենան կանգնեցրեց Ռեդրիկ Շուխարտի տան առաջ ու մի որոշ ժամանակ նստած մնաց ղեկի մոտ, մտածելով, թե ինչպես սկսի խոսակցությունը։ Հետո հանեց «էտակը», դուրս եկավ մեքենայից և միայն նոր նկատեց, որ տունն ասես անբնակ լիներ։ Գրեթե բոլոր պատուհանները մութ էին, այգում ոչ ոք չկար, ու նույնիսկ այնտեղ էլ լապտերներ չէին վառվում։ Դա նրան հիշեցրեց, թե հիմա ինքն ինչ է տեսնելու, ու ամբողջ մարմնոց սարսռաց։ Մտքով նույնիսկ անցավ, որ ավելի լավ կլինի հեռախոսով դուրս կանչի Ռեդրիկին ու նրա հետ խոսի մեքենայի մեջ կամ մի որևէ փոքրիկ գարեջրատանը, բայց իսկույն էլ հրաժարվեց այդ մտքից։ Մի շարք պատճառներով։ Ու անկախ ամեն ինչից, ասաց նա ինքն իրեն, արի չնմանվենք այդ ողորմելի անասուններին, որոնք փախել են այստեղից ուտիճների պես, որոնց վրա եռացրած ջուր են լցնում։

Նա մուտքից ներս մտավ և վաղուց արդեն չավլած սանդուղքով բարձրացավ վերև։ Չորս կողմը անկենդան լռություն էր, սանդղահարթակներին նայող դռների մեծ մասը կրնկի վրա բաց էին ու մութ միջանցքներից փչում էր խոնավության ու փոշու անդուր հոտը։ Նա կանգնեց Ռեդրիկի բնակարանի դռան առաջ, ձեռքով մազերը սղալեց դեպի ականջների հետևը, խոր շունչ քաշեց և սեղմեց զանգի կոճակը։ Որոշ ժամանակ դռան հետևից ոչ մի ձայն չլսվեց, հետո հատակը ճռռաց, չրխկաց բանալին, ու դուռը կամացուկ բացվեց։ Ոտնաձայներ նա այդպես էլ չլսեց։

Շեմին կանգնած էր Կապիկը՝ Ռեդրիկ Շուխարտի աղջիկը։ Կիսախավար սանդղահարկը լուսավորեց միջանցքի պայծառ լույսից, և Նունանը առաջին վայրկյանին տեսավ աղջկա ուրվանկարը ու մտածեց, թե նա ոնց է մեծացել այս մի քանի ամսվա ընթացքում, բայց հետո աղջիկը գնաց դեպի միջանցքի խորքը ու Ռիչարդը տեսավ նրա դեմքը։ Եվ միանգամից կոկորդն ասես չորացավ։

― Բարև, Մարիա, ― ասաց նա, աշխատելով հնարավորին չափ քնքուշ խոսել։ ― Ո՞նց ես, Կապիկ։

Աղջիկը չպատասխանեց։ Նա լուռ ու բոլորովին անձայն հետ֊հետ գնաց դեպի հյուրասենյակի դուռը՝ խեթ֊խեթ նայելով Նունանին։ Երևում է, որ նա չէր ճանաչում եկվորին։ Եվ, ճիշտն ասած, Նունանը նույնպես չճանաչեց նրան։ Գոտի, մտածեց նա, անիծյալ Գոտի․․․

― Ո՞վ է, ― հարցրեց Գուտան, գլուխը դուրս հանելով խոհանոցից։ ― Աստվա՜ծ իմ, Դիկ։ Այդ ո՞ւր եք կորել։ Դուք գիտե՞ք, Ռեդրիկը վերադարձել է։

Նա շտապ ընդառաջ եկավ Նունանին, ձեռքերը սրբելով ուսին գցած սրբիչով․ Գուտան առաջվա պես գեղեցիկ էր, եռանդուն, ուժեղ, միայն թե դեմքը մի տեսակ սրված էր, և աչքերն էլ տագնապալի էին, մի տեսակ տենդագին․․․

Նունանը համբուրեց Գուտայի այտը, անձրևանոցն ու գլխարկը տվեց նրա ձեռքը և ասաց․

― Լսել ենք․․․ լսել ենք․․․ Բայց դե ոչ մի կերպ ժամանակ չէի գտնում, որ վազեմ․․․ Տա՞նն է հիմա։

― Տանն է, ― ասաց Գուտան։ ― Հիմա նրա մոտ մարդ կա։ Երևի շուտով կգնա, վաղուց է եկել։ Ներս եկեք, Դիկ․․․

Նունանը մի քանի քայլ առաջ գնաց միջանցքով ու կանգնեց հյուրասենյակի շեմին։ Ծերուկը նստած էր սեղանի մոտ։ Մուլյաժը նսած էր անշարժ ու մի կողմ թեքված։ Լուսամփոփի վարդագույն լույսն ընկնում էր նրա լայն, ասես հին փայտից տաշված դեմքին՝ ներս ընկած անատամ բերան, անփայլ, սառած աչքեր։ Ու միանգամից Նունանը զգաց հոտը։ Նա գիտեր, որ դա երևակայության խաղն է, որ հոտը լինում է միայն առաջին օրերին, իսկ հետո լրիվ անցնում է, բայց Ռիչարդ Նունանը այդ հոտն զգում էր ասես հիշողությամբ, փորված հողի այդ խեղդիչ, ծանր հոտը․․․

― Եկեք խոհանոց գնանք, ― շտապեց ասել Գուտան։ ― Ես այնտեղ համ ընթրիք կպատրաստեմ, համ էլ կզրուցենք։

― Հա, իհարկե, առույգ ասաց Նունանը։ ― Վաղուց չենք տեսել իրար․․․ Դուք դեռ չե՞ք մոռացել, որ ես սիրում եմ ընթրելուց առաջ խմել։

Նրանք մտան խոհանոց։ Գուտան իսկույն բացեց սառնարանը, իսկ Նունանը նստեց սեղանի մոտ ու շուրջը նայեց։ Ինչպես միշտ, այստեղ ամեն ինչ փայլում էր մաքրությունից, կաթսաներից գոլորշի էր բարձրանում։ Սալոջախը նոր էր՝ կիսավտոմատ, ուրեմն տանը փող կար։

― Հը, ո՞նց է, ― հարցրեց Նունանը։

― Էլի առաջվա պես, ― պատասխանեց Գուտան։ ― Բանտում նիհարել էր, բայց հիմա էլի լցվեց։

― Շե՞կ է։

― Այն էլ ո՜նց։ Նա արդեն այդպիսին կլինի մինչև մեռնելը։ Գուտան նրա առաջ դրեց «Արյունարբու Մերիով» մի բաժակ, ռուսական թափանցիկ օղու շերտն ասես կախվել էր տոմատի հյութի շերտի վերևում։

― Շատ չի՞, ― հարցրեց Գուտան։

― Իսկ է։ ― Նունանը թափով դատարկեց բաժակը։ Նա հիշեց, որ ամբողջ օրվա ընթացքում նոր միայն մի կարգին բան խմեց։ ― Այ սա արդեն ուրիշ բան է։

― Դուք լա՞վ եք, ― հարցրեց Գուտան։ ― Ինչո՞ւ չէիք երևում։

― Անիծյալ գործերը չեն թողնում,― ասաց Նունանը։ ― Ամեն շաբաթ ուզեցել եմ գալ կամ զանգ տալ, բայց ստիպված էի մեկնել Ռեքսոպոլիս, հետո մի խայտառակ պատմություն սկսվեց, հետո էլ ինձ ասացին, որ Ռեդրիկը վերադարձել է, ես էլ մտածեցի, չխանգարեմ․․․ Մի խասքով, խրված եմ գործերի մեջ, Գուտա։ Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչո՞ւ ենք այսքան մեզ կոտորում։ Որ փո՞ղ աշխատենք։ Բայց ի՞նչ օգուտ այդ փողերից, եթե ամբողջ ժամանակ մեզ կոտորում ենք ու կոտորում․․․

Գուտան բարձրացրեց կաթսաների կափարիչներն ու շրխկացնելով նորից տեղը դրեց, հետո դարակից մի սիգարետ վերցրեց ու նստեց Նունանի դիմաց։ Նրա հայացքը հատակին էր ուղղված։ Նունանը արագ հանեց վառիչը և վառեց նրա սիգարետը, և նորից, կյանքում երկրորդ անգամ, տեսավ, որ նրա մատները դողում են, ինչպես այն ժամանակ, երբ Ռեդրիկին կալանավորեցին, իսկ ինքը եկավ այստեղ, որ փող տա Գուտային․ սկզբնական շրջանում Գուտան լրիվ անփող էր մնացել, ու հարեևաններից ոչ մեկը նրան պարտք չէր տալիս։ Հետո տանը փող հայտնվեց և դատելով ամեն ինչից, կարգին փող, ու Նունանը գլխի էր ընկնում, թե որտեղից են այդ փողերը, բայց նա շարունակում էր գալ, խաղալիք ու քաղցրավենիք բերել Կապիկին, երեկոները Գուտայի հետ սուրճ էր խմում, ու նրանք միասին կազմում էին Ռեդրիկի հետագա երջանիկ կյանքի ծրագրերը, իսկ հետո, լսելով Գուտայի պատմածները, Նունանը գնում էր հարևանների մոտ ու փորձում էր ինչ֊որ կերպ խելքի բերել նրանց, բացատրում էր, համոզում, վերջապես, կորցնելով համբերությունը, սպառնում էր․ «Այ, Ռեդրիկը դուրս կգա բանտից ու ձեր սևը կտա»։ Բայց ոչ մի բան չէր օգնում։

― Իսկ ո՞նց է ձեր օրիորդը, ― հարցրեց Գուտան։

― Ո՞րը։

― Դե նա․․․ ում հետ որ այն ժամանակ եկաք․․․ Մի սիրունիկ․․․

― Նա ինձ հետ կապ չունի։ Նա իմ սղագրուհին է։ Ամուսնացավ ու աշխատանքից դուրս եկավ․․․

― Դուք պիտի ամուսնանաք, Դիկ, ― ասաց Գուտան։ ― Ուզո՞ւմ եք, ձեզ համար հարսնացու գտնեմ։

Նունան ուզում էր առաջվա պես պատասխանել․ «Այ, Կապիկը կմեծանա․․․» ― բայց ժամանակին իրեն զսպեց։ Հիմա դա արդեն այլ կերպ կհնչեր։

― Ինձ սղագրուհի պետք է, իսկ կին՝ չէ, ― փնթփնթաց նա։ ― Թողեք ձեր շեկ սատանային ու եկեք ինձ մոտ սղագրուհի։ Չէ՞ որ դուք հրաշալի սղագրուհի էիք։ Ծերուկ Գարիսը մինչև հիմա հիշում է ձեզ։

― Ինչո՞ւ չպիտի հիշի, ― ասաց Գուտան։ ― Այնպես չխփեցի նրան, որ չհիշի, ձեռքս քիչ մնաց կոտրվեր։

― Ախ, այդպե՞ս․․․ ― Նունանը ձևացրեց, իբր զարմացած է։ ― Տեսա՜ր Գարիսին։

― Աստված իմ, ― ասաց Գուտան։ ― Ախր նա մի քայլ չէր թողնում անեմ։ Ես միայն մի բանից էի վախենում, որ հանկարծ Ռեդրիկը չիմանա։

Անձայն ներս մտավ Կապիկը․ հայտնվեց խոհանոցի շեմին, նայեց կաթսաներին, հետո՝ Ռիչարդին, ապա մոտեցավ մորն ու, հպվելով նրան դեմքը շրջեց․

― Հը, ի՞նչ կա կապիկ, ― աշխույժ հարցրեց Ռիչարդ Նունանը, ― շոկոլադ կուզե՞ս։

Նա ձեռքը տարավ ժիլետի գրպանը, հանեց շոկոլադե ավտոմեքենան, որը փաթաթված էր թափանցիկ թղթով, ու մեկնեց աղջկան։ Աղջիկը տեղից չշարժվեց։ Գուտան նրա ձեռքից վերցրեց շոլոլադն ու դրեց սեղանին։ Հանկարծ նրա շրթունքները սպիտակեցին։

― Այո, Գուտա, ― առույգ ասաց Նունանը, ― իսկ ես արդեն ուզում էի այստեղից մեկնել։ Հոգնեցի հյուրանոցում ապրելուց։ Նախ, ինստիտուտից հեռու է․․․

― Նա արդեն համարյա բան չի հասկանում, ― շշնջալով ասաց Գուտան, և Ռիչարդը խոսքը կիսատ թողեց, երկու ձեռքով վերցրեց բաժակն ու սկսեց պտտեցնել մատների մեջ։

― Դուք ինձ չեք հարցնում, թե մենք ոնց ենք ապրում, ― շարունակեց Գուտան, ― ու ճիշտ եք անում։ Բայց չէ՞ որ դուք մեր հին բարեկամն եք, Դիկ, ու մենք ձեզնից թաքցնելու բան չունենք։ Եվ ոչ էլ կարող ենք թաքցնել։

― Բժշկի մոտ գանցե՞լ եք, ― հարցրեց Նունանը, առանց նրան նայելու։

― Այո։ Նրանք ոչ մի բան չեն կարող անել։ Իսկ մեկն էլ ասաց․․․ Գուտան լռեց։

Նունանը նույնպես լռեց։ Նա ոչ մի բան չէր կարող ասել և չէր էլ ուզում այդ մասին մտածել, բայց հանկարծ մի ահասարսուռ միտք խոցեց նրա ուղեղը՝ սա ներխուժում է, ոչ թե զբոսնողների խնջույք ճամփեզրին, ոչ թե հարաբերակցման, շփման կոչ, այլ ներխուժում։ Նրանք չեն կարող փոխել մեզ, բայց նրանք թափանցում են մեր զավակների մարմինները և փոխում նրանց՝ դարձնելով իրենց նման։ Սարսուռը պատեց նրա ողջ մարմինը, բայց նույն պահին էլ հիշեց, որ նման մի բան կարդացել է վառվռուն կազմով մի գրքույկում, ու դրանից կարծես մի քիչ թեթևացավ։ Ինչ ասես կարելի է հորինել։ Իրականում երբեք չի լինում այնպես, ինչպես այդ հորինվածքներն են ասում։

― Իսկ մեկն էլ ասաց, որ նա արդեն մարդ չի, ― շշնջաց Գուտան։

― Հիմարություն, ― նույնպես կամաց ասաց Նունանը։ ― Մի իսկական մասնագետի դիմեք։ Ջեյմս Քատերֆիլդին դիմեք։ Ուզո՞ւմ եք, ես խոսեմ նրա հետ։ Որ ձեզ ընդունի․․․

― Մսագո՞րծը․․․ ― Գուտան ջղային ծիծաղեց։ ― Պետք չի, Դիկ, դա հենց նա է ասել։ Երևում է, մեր ճակատագիրն է․․․

Երբ Նունանը համարձակվեց աչքերը վեր բարձրացնել, Կապիկն արդեն չկար, իսկ Գուտան նստել էր քարացած, բերանն ամուր փակած, աչքերը դատարկ, իսկ ձեռքի սիգարետը լրիվ մոխրացել էր։ Այդժամ նա բաժակը հրեց Գուտայի կողմն ու ասաց․

― Մի բաժակ էլ տվեք․․․ ու ձեզ համար էլ լցրեք։ Խմենք,Գուտա։

Գուտան մոխիրը թափ տվեց սեղանի վրա, աչքերով փնտրեց, թե որտեղ գցի մնացուկը, ու գցեց լվացարանի մեջ։

― Ինչի՞ համար, ― խոսեց նա։ ― Ես չեմ հասկանում։ Ի՞նչ մեղք ենք գործել։ Հո մենք այս քաղաքում ամենավատ մարդը չէինք․․․

Նունանը մտածեց, որ հիմա նա լաց կլինի, բայց Գուտան լաց չեղավ, բացեց սառնարանը, հանեց այնտեղից օղին ու տոմատի հյութը, իսկ դարակից էլ երկրորդ բաժակը վերցրեց։

― Բայց դուք մի՛ հուսահատվեք, ― ասաց Նունանը։ ― Աշխարհում չկա մի այնպիսի բան, որն անհնարին լինի ուղղել։ Ու հավատացեք ինձ, Գուտա, ես շատ լայն կապեր ունեմ։ Ամեն ինչ կանեմ․․․

Հիմա նա ինքը հավատում էր այն ամենին, ինչ ասում էր, և մտքում արդեն վերհիշում էր անունները, իր կապերն ու քաղաքները, և նրան թվում էր, որ նման դեպքերի մասին ինչ֊որ բան ինչ֊որ տեղ լսել է, և իբր ամեն ինչ բարեհաջող է վերջացել, միայն պետք է հիշի, թե դա որտեղ է եղել, և ով է բուժել, բայց հանկարծ հիշեց, թե ինքն ինչի համար էր եկել այստեղ, հիշեց պարոն Լեմխենին, ու հիշեց, ինչի համար էր ինքը մտերմացել Գուտայի հետ, և այլևս չուզեց որևէ բանի մասին մտածել, ու իրենից վանեց բոլոր մտքերը, ավելի հարմար նստեց, հանգստացավ ու սպասեց, թե երբ խմելու բան կտան իրեն։

Հենց այդ ժամանակ էլ լսվեցին քստքստացող ոտնաձայներ, թխկթխկոց, ու Գիշակեր Բարբրիջի գարշելի ձայնը, հատկապես հիմա, ֆսֆսացրեց․

― Է՛հ, Շեկ, քո Գուտայի մոտ ոնց որ թե մարդ է եկել, այ բացբերան․․․ Ես որ քո տեղը լինեի չէի դիմանա։

Ու Ռեդրիկի ձայնը․

― Պրոտեզներդ պինդ պահի, Գիշակեր, ու լեզուդ էլ քեզ քաշի։ Հրեն դուռը, չմոռանաս, որ պիտի գնաս․․․ Ես պիտի ընթրեմ․․․

Ու Բարբրիջն ասաց․

― Թուհ, տեր աստված․ արդեն կատակ էլ չպիտի անես։

Լսվեց Ռեդրիկի ձայնը։

― Ես ու դու արդեն մեր կատակն արել պրծել ենք։ Վերջ։ Դե չքվի, չքվի․․․

Բանալին չրխկաց, ու ձայներն ավելի հեռվից էին լսվում, երևի նրանք դուրս էին եկել սանդղահարկ։ Բարբրիջը ինչ֊որ բան ասաց կամաց, ու Ռեդրիկը պատասխանեց նրան․ «Վե՛րջ, վե՛րջ, խոսեցինք պրծանք»։ Նորից լսվեց Բարբրիջի փնթփնթոցը ու Ռեդրիկի կտրուկ ձայնը․ «Ասացի վերջ»։

Շրխկաց դուռը, միջանցքում լսվեցին արագ ոտնաձայներ, և խոհանոցի շեմին հայտնվեց Ռեդրիկ Շուխարտը։ Նունանը վեր կացավ նրան ընդառաջ, ու նրանք ամուր սեղմեցին միմյանց ձեռք։

― Ես այդպես էլ գիտեի, որ դու ես, ― ասաց Ռեդրիկը, զննելով Նունանին իր արագաշարժ, կանաչավուն աչքերով։ ― Պա՜հ, ո՜նց ես հաստացել, գիրուկ։ Ամբողջ օրը պանդոկներում ես քարշ գալիս․․․ Պահո՜։ Դուք այստեղ, երևում է, լավ ժամանակ եք անցկացնում։ Գուտա, պառավս, ինձ էլ մի բաժակ տուր, որ հասնեմ ձեզ։

― Մենք դեռ չենք էլ սկսել, ― ասաց Նունանը։ ― Նոր էինք ցրցամ տվել։ Բայց թե քեզնից ուր պիտի փախչենք․․․

Ռեդրիկը մի տեսակ չոր ծիծաղեց և բռունցքով թեթևակի խփեց Նունանի ուսին։

― Այ հիմա կտեսնենք, թե ով ումից առաջ կընկնի, ով հետ կմնա։ Գնանք, ներս գնանք, ի՞նչ եք նստել խոհանոցում։ Գուտա, սեղան գցի․․․

Նա խցկվեց սառնարանի մեջ ու նորից ուղղվեց՝ ձեռքին գունավոր պիտակով մի շիշ։

― Քեֆ պիտի անենք, ― հայտարարեց նա։ ― Ոնց որ պետքն է պատիվ տանք մեր լավագույն բարեկամ Ռիչարդ Նունանին, որը չլքեց դժբախտության մեջ ընկնողներին։ Չնայած դրանից ոչ մի օգուտ չուներ։ Է՛հ, ափսոս Գուտալինը չկա․․․

― Իսկ դու զանգ տուր նրան, ― խորհուրդ տվեց Նունանը։

Ռեդրիկը տարուբերեց շիկակարմիր գլուխը։

― Այնտեղ դեռ հեռախոս չեն անցկացրել, ոնց պիտի զանգ տամ։ Դե գնանք, գնանք․․․

Նա առաջինը մտավ ճաշասենյակ և շիշը շրխկոցով դրեց սեղանին։ ― Քեֆ ենք անելու, հայրիկ, ― ասաց նա անշարժ ծերուկին։ ― Սա մեր բարեկամն է, Ռիչարդ Նունանը։ Դիկ, իսկ սա իմ հայրիկն է, ավագ Շուխարտը․․․

Ռիչարդ Նունանը, անսպասելիությունից կծկվելով, բերանը բացեց մինչև ականջները, ձեռքը թափ տվեց մուլյաժի կողմն ու ասաց․

― Շատ ուրախ եմ, միստր Շուխարտ։ Ո՞նց եք․․․ Մենք համարյա ծանոթներ ենք, չէ՞, Ռեդ, ― ասաց նա կրտսեր Շուխարտին, որն ինչ֊որ բան էր հանում պահարանից։ ― Մենք մի անգամ արդեն հանդիպել ենք, ճիշտ է, շատ թռուցիկ․․․

― Նստիր, ― ասաց նրան Ռեդրիկը, ― գլխով ցույց տալով ծերունու դիմացի աթոռը։ ― Դու նրա հետ բարձր խոսիր, նա ոչինչ չի լսում։ ― Ռեդրիկը սեղանին դրեց բաժակները, արագ բացեց շիշը և ասաց Նունանին։ ― Լցրու։ Հայրիկիս՝ մի քիչ․․․

Նունանը անշտապ սկսեց վիսկին լցնել բաժակները։ Ծերունին նստած էր նախկին դիրքով ու նայում էր պատին։ Եվ բնավ չարձագանքեց, երբ Նունանը բաժակը մոտեցրեց նրան։ Իսկ Նունանն արդեն հարմարվել էր նոր իրավիճակին։ Դա խաղ էր՝ սարսափելի ու ողորմելի խաղ։ Խաղը սկսել էր Ռեդրիկը, և Նունանը միացավ այդ խաղին, ինչպես որ ամբողջ կյանքում ներգրավվել էր ուրիշների խաղերի մեջ՝ սարսափելի ու ողորմելի, ամոթալի ու վայրենի և շատ ավելի վտանգավոր խաղերի մեջ, քան այս խաղն էր։ Բարձրացնելով իր բաժակը, Ռեդրիկն ասաց․ «Հը, գցե՞նք»։ Եվ Նունանը միանգամայն հանգիստ նայեց ծերունուն, իսկ Ռեդրիկը առանց շտապելու իր բաժակը շրխկացրեց Նունանի բաժակին ու ասաց․ «Գցենք, գցենք․․․»։ Նունանը ևս շատ բնական ու հանգիստ գլխով արեց, ու նրանք խմեցին։

Աչքերը փայլեցնելով, Ռեդրիկը սկսեց խոսել դարձյալ նույն գրգռված ու մի քիչ արհեստական տոնով․

― Վերջ, ախպերս։ Բանտը ինձ էլ չի տեսնի։ Եթե իմանաս, սիրելիս, թե ինչքան լավ է տանը։ Փող կա, ես մի լավ առանձնատուն եմ գտել, այգի էլ կա հետը։ Գիշակերի տնից էլ լավը․․․ Դու հո գիտես, որ ես ուզում էի մեր քաղաքից մեկնել, դեռ բանտում էի որոշել։ Նունան, ինչո՞ւ եմ ես մնացել այս քոսոտ քաղաքում։ Գրողի ծոցը ամեն ինչ․․․ Բանտից ազատվում եմ, ու, բարև ձեզ, արտագաղթն արգելել են։ Ինչ է, մենք հո բորոտ չդառա՞նք այս երկու տարում։

Նա խոսում էր ու խոսում, իսկ Նունանը գլխով էր անում, կում֊կում խմում վիսկին, մեկ֊մեկ միջամտում էր, կարեկցաբար հայհոյելով կամ հռետորական հարցեր տալով, իսկ հետո սկսեց հարց ու փորձ անել, թե դա ի՞նչ առանձնատուն է, որտեղ է գտնվում, ի՞նչ արժի, ու նրանք սկսեցին վիճել։ Նունանը պնդում էր, որ առանձնատունը թանկ է և տեղն էլ վատ է։ Նա հանեց ծոցատետրը, սկսեց թերթել ու կարդալ լքված առանձնատների հասցեները, որոնք համարյա ձրի են ծախում, ու վերանորոգումն էլ էժան կնստի, եթե արտագաղթելու դիմում տաս, իշխանություններից մերժում ստանաս ու դրա դիմաց փոխհատուցում պահանջես։

― Տեսնում եմ, որ դու արդեն անշարժ գույքով էլ ես զբաղվում, ― ասաց Ռեդրիկը։

― Իսկ ես քիչումիչ ամեն ինչով էլ զբաղվում եմ, ― ասաց Նունանն ու աչքով արեց։

― Գիտեմ, գիտեմ, լսել եմ քո խարդախ գործերի մասին։

Նունանն աչքերը չռեց, մատը դրեց շրթունքներին ու գլխով ցույց տվեց խոհանոցի կողմը։

― Դե լավ, բոլորն էլ գիտեն, ― ասաց Ռեդրիկը, ― փողը հոտ չունի։ Հիմա ես դա շատ լավ եմ հասկացել․․․ Բայց որ Մոսոլին քեզ համար կառավարիչ ես վերցրել՝ քիչ մնաց ծիծաղից պայթեի, որ լսեցի։ Գայլին գցել են ոչխարների փարախը․․․ Նա հո գիժ է, ես երեխա ժամանակից եմ ճանաչում նրան։

Այստեղ ծերուկը դանդաղորեն, փայտե շարժումով, ասես մի վիթխարի տիկնիկ լիներ, ձեռքը բարձրացրեց ծնկից ու փայտե դրխկոցով դրեց սեղանին՝ իր բաժակի կողքը։ Ձեռքը թուխ էր, կապտավուն երանգով, ծռմռված մատների պատճառով ոնց որ հավի ճանկ լիներ։ Ռեդրիկը լռեց ու նայեց նրան։ Նրա դեմքը ցնցվեց, ու Նունանը զարմացած տեսավ, որ այդ պեպենոտ գիշատիչ դեմքն արտահայտում է անենաիսկական, ամենաանկեղծ սեր ու քնքշություն։

― Խմեք, հայրիկ, խմեք, ― գորովալից ասաց Ռեդրիկը։ ― Մի քիչ կարելի է, անուշ լինի․․․ Ոչինչ, ― շշնջաց նա Նունանին՝ դավադրաբար աչքով անելով։ ― Նա էս բաժակի հախից կգա, քեզ տես։

Նայելով նրան, Նունանը հիշեց, թե ինչ կատարվեց այն ժամանակ, երբ Բորդի լաբորանտները եկան այս մուլյաժին տանելու։ Նրանք երկուսն էին, երկուսն էլ ուժեղ, ժամանակակից տղերք, սպորտսմեններ և նման այլ բաներ։ Նրանց հետ էր նաև քաղաքային հիվանդանոցի բժիշկը իր երկու սանիտարներով՝ հաղթանդամ ու գռեհիկ մարդիկ, որոնք սովոր են պատգարակ շալակելու և խաղաղեցնելու կատաղածներին։ Հետո լաբորանտներից մեկը պատմում էր, որ այդ «շեկը» սկզբում ոնց որ չհասկացավ, թե ինչն ինչոց է, իրենց տուն թողեց, թույլ տվեց, որ նայեն հորը և, երևի, ծերուկին կտանեին էլ․ որովհետև Ռեդրիկը սկզբում կարծել էր, թե ուզում են հորը հիվանդանոց պառկեցնել՝ քննության։ Սակայն այդ ապուշ սանիտարները, որոնք նախնական բանակցությունների ժամանակ կանգնել էին միջանցքում ու աչքները չէին կտրում խոհանոցի պատուհանները լվացող Գուտայից, երբ նրանց ներս կանչեցին, վրա պրծան ծերուկին, ու ոնց որ գերան քարշ տային․ գցեցին նրան հատակին։ Ռեդրիկը կատաղեց, ու այստեղ էլ մեջ ընկավ անխելք բժիշկն ու սկսեց մանրամասն բացատրել ինչն ինչոց է։ Ռեդրիկը մի երկու րոպե լսեց նրան, իսկ հետո առանց որևէ նախազգուշացման միանգամից պայթեց, ոնց որ ջրածնային ռումբ։ Այս ամենը պատմող լաբորանտն ինքն էլ չէր հիշում, թե ինչպես էր հայտնվել փողոցում։ Շեկ սատանան հինգին էլ ցած էր իջեցրել աստիճաններով, ըստ որում նրանցից ոչ մեկին թույլ չէր տվել ինքնուրույն իջնել, սեփական ոտքերով։ Լաբորանտի պատմածով, նրանք դռնից դուրս են թռել, ոնց որ թնդանոթից արկն է դուրս թռչում։ Երկուսը ուշագնաց ընկած են մնացել մայթին, իսկ մյուսների հետևից Ռեդրիկը վազել է չորս թաղամաս, հետո վերադարձել է ինստիտուտի մեքենայի մոտ ու ջարդուփշուր արել բոլոր ապակիները․ վարորդն արդեն չքվել էր մեքենայից, նա փախել էր․․․

― Ինձ մի պանդոկում նոր կոկտեյլ ցույց տվեցին, ասաց Ռեդրիկը, վիսկին լցնելով բաժակները։ ― Կոչվում է «վհուկի դոնդող», ես հետո քեզ համար կսարքեմ, երբ մի քիչ կուտենք։ Դա, եղբայրս, այնպիսի բան է, որ դատարկ փորով խմելը վտանգավոր է, մի բաժակից ձեռքերդ ու ոտքերդ թուլանում են․․․ Ուզում եմ ասել, Դիկ, որ ես քեզ այսօր մի լավ պատիվ պիտի տամ, լավ պիտի հյուրասիրեմ։ Արի հիշենք մեր հին ու լավ օրերը, հիշենք «Բորժչը»։ Գիտե՞ս, որ խեղճ Էռնին մինչև հիմա նստած է։ ― Նա խմեց, սրբեց շրթունքներն ու ի միջի այլոց հարցրեց․ ― Իսկ ինստիտուտում դեռ չե՞ն զբաղվում «վհուկի դոնդողով»։ Ես, գիտես էլի, մի քիչ հետ եմ մնացել գիտությունից․․․

Նունանն իսկույն գլխի ընկավ, թե Ռեդրիկն ինչու սկսեց այս խոսակցությունը։ Նա թափ տվեց ձեռքն ու ասաց․

― Ի՞նչ ես ասում, սիրելիս։ Գիտե՞ս ինչ պատմություն եղավ այդ «դոնդողի» պատճառով։ Լսած կա՞ս Կարիգանովյան լաբորատորիայի մասին։ Դա մի մասնավոր խանութ է․․․ Հա, ուրեմն, նրանք ճարում են մի քիչ «դոնդող»․․․

Ու Նունանը պատմեց աղետի մասին, մեծ աղմուկ հանած սկանդալի մասին, պատմեց, որ այդպես էլ չգտան, թե որտեղից էին նրանք ճարել «դոնդողը»՝ ոչ մի բան չպարզվեց, իսկ Ռեդրիկը լսում էր, կարծես, ցրված, չպպացնում էր լեզվով, գլուխն օրորում, իսկ հետո վիսկին թափով լցրեց բաժակներն ու ասաց․

― Տեղն է դրանց, տականքներին, թող շանսատակ լինեն․․․

Նրանք խմեցին։ Ռեդրիկը նայեց հայրիկին, ու նորից նրա դեմքը ցնցվեց, նա ձեռքը երկարացրեց ու բաժակն ավելի մոտեցրեց կեռված մատներին, ու մատները հանկարծ բացվեցին և նորից սեղմվեցին, տակից բռնելով բաժակը։

― Այ հիմա գործն արագ առաջ կգնա, ― ասաց Ռեդրիկը։ ― Գուտա՜, ― գոռաց նա։ ― Շա՞տ պիտի մեզ սոված թողնես։ Նա քեզ համար է չարչարվում, ― բացատրեց Նունանին։ ― Քո սիրած սալաթն է անպայման սարքում, խխունջով, վաղուց էր պահել, ես տեսել էի․․․ Իսկ ընդհանրապես ի՞նչ կա ինստիտուտում։ Նոր բան գտե՞լ են։ Ասում են, որ հիմա այնտեղ միայն ավտոմատներ են աշխատում, բայց թե քիչ գործ են անում․․․

Նունանը պատմեց ինստիտուտի գործերի մասին, ու մինչ նա խոսում էր, սեղանի մոտ, ծերուկի մոտ անձայն հայտվեց Կապիկը, կանգնեց, բրդոտ թաթիկները դնելով սեղանին, ու հանկարծ, իսկական երեխայական մի շարժումով, հենվեց մուլյաժին ու գլուխը դրեց նրա ուսին։ Եվ Նունանը, շարունակելով խոսել ու նայելով Գոտու այս երկու հրեշավոր ծնունդներին, մտածեց՝ տեր աստված, էլ ի՞նչ պիտի լինի։ Էլ ի՞նչ պիտի անեն մեզ, որ մենք վերջապես հասկանանք։ Մի՞թե եղածը քիչ է․․․ Նա գիտեր, որ միլիոնավոր և միլիարդավոր մարդիկ ոչինչ չգիտեն ու չեն էլ ուզում որևէ բան իմանալ, իսկ եթե իմանան էլ, ապա մի տասը րոպե կզարզանդեն, ու նորից ամեն ինչ նույնը կմնա։ Պետք է գնալ արդեն, մտածեց նա գազազած։ Գրողը տանի Բարբրիջին, գրողը տանի Լեմխենին․․․ Գրողը տանի աստծո կողմից անիծված այս ընտանիքին․․․

Ի՞նչ ես աչքերդ չռել նրանց վրա , ― ցածրաձայն հարցրեց Ռեդրիկը։ ― Դու մի՛ վախեցիր, դա նրա համար վտանգավոր չէ։ Նույնիսկ հակառակը, ասում են, որ նրանցից առողջություն է գալիս։

― Հա, գիտեմ, ― ասաց Նունանն ու միանգամից դատարկեց բաժակը։

Ներս մտավ Գուտան, Ռեդրիկին կարգադրեց բաժանել ափսեները և սեղանին դրեց արծաթյա սկուտեղը՝ Նունանի սիրած սալաթով։

Եվ հանկարծ ծերուկը, ասես ինչ֊որ մեկը գլխի ընկավ ու թելը քաշեց, մի շարժումով բաժակը մոտեցրեց բացված բերանին։

― Դեհ, տղերք, ― հիացմունքով ասաց Ռեդրիկը, ― այ, հիմա մենք կարգին քեֆ կանենք։

4․ Ռեդրիկ Շուխարտ, 31 տարեկան