«Հիվանդասենյակ համար 6»–ի խմբագրումների տարբերություն
չ (→XIII) |
չ (→XIV) |
||
Տող 522. | Տող 522. | ||
==XIV== | ==XIV== | ||
− | + | Բժիշկը շրջում էր, դիտում, ուտում, խմում, բայց նա ուներ մի զգացում,— դժգոհություն Միխայիլ Ավերյանիչից։ Նա ուզում էր հանգստանալ իր բարեկամից, հեռանալ նրանից, թաքնվել, իսկ բարեկամն իր պարտքն էր համարում՝ ոչ մի քայլ իրենից հեռու չթողնել և կարելույն չափ շատ զվարճություն պատճառել նրան։ Երբ նայելու բան չէր լինում, Միխայիլ Ավերյանիչն իր բարեկամին զվարճացնում էր զրույցով։ Երկու օր համբերեց Անդրեյ Եֆիմիչը, բայց երրորդ օրը հայտարարեց իր բարեկամին, որ ինքը հիվանդ է և ցանկանում է ամբողջ օրը տանը մնալ։ Բարեկամը ասաց, որ այդ դեպքում ինքն էլ է մնում։ Իրոք որ, հարկավոր է հանգստանալ, ապա թե ոչ այսպիսով մարդու ոտքերը հալից կընկնեն։ Անդրեյ Եֆիմիչը պառկեց բազմոցի վրա, երեսը դարձրեց նրա թիկունքի կողմը և ատամները սեղմելով՝ լսում էր իր բարեկամին, որը եռանդագին համոզում էր նրան, որ Ֆրանսիան վաղ թե ուշ անպայման կջախջախի Գերմանիային, որ Մոսկվայում խիստ շատ սրիկաներ կան և որ ձիու արտաքին տեսքով չի կարելի դատել նրա արժանիքների մասին, Բժշկի ականջներն սկսեցին դժժալ ու սիրտը՝ թրթռալ, բայց քաղաքավարությունից դրդված, նա սիրտ չէր անում խնդրել բարեկամին, որ նա դուրս գնա կամ լռի։ Բարեբախտաբար համարում նստելը Միխայիլ Ավերյանիչին ձանձրացրեց, և ճաշից հետո նա գնաց զբոսնելու։ | |
− | + | Մենակ մնալով՝ Անդրեյ Եֆիմիչն անձնատուր եղավ հանգստի զգացումին։ Ի՜նչ հաճելի է անշարժ պառկել բազմոցի վրա ու գիտակցել, որ դու մենակ ես սենյակում։ Իսկական երջանկությունն առանց մենակության անհնար է։ Աստծո աչքից ընկած հրեշտակը նրան դավաճանեց հավանորեն այն պատճառով, որ ցանկացել էր միայնություն, որից հրեշտակները զուրկ են։ Անդրեյ Եֆիմիչը ուզում էր մտածել այն մասին, ինչ վերջին օրերս տեսել ու լսել էր, բայց Միխայիլ Ավերյանիչը նրա մտքից չէր հեռանում։ | |
− | + | «Բայց չէ՞ որ նա բարեկամությունից, մեծահոգությունից դրդված՝ արձակուրդ վերցրեց և ինձ հետ եկավ,— մտածեց բժիշկը դժգոհելով։— Չկա՛ ավելի վատ բան, քան այդ բարեկամական խնամակալությունը։ Չէ՞ որ ահա կարծես և՛ բարի է, և՛ մեծահոգի, և՛ զվարճասեր, բայց ձանձրացնում է։ Անտանելի է ձանձրացնում։ Ճիշտ այսպես էլ ահա լինում են մարդիկ, որոնք միշտ միայն խելոք ու լավ խոսքեր են ասում, բայց զգում ես, որ նրանք բթամիտ մարդիկ են»։ | |
− | + | Դրան հաջորդող օրերին Անդրեյ Եֆիմիչը հիվանդ էր ձևանում ու համարից դուրս չէր գալիս։ Նա պառկում էր երեսը դեպի բազմոցի թիկունքը դարձրած և տանջվում էր, երբ իր բարեկամը զրույցով զվարճացնում էր նրան, կամ հանգստանում, երբ բացակայում էր բարեկամը։ Նա դժգոհում էր իրենից այն բանի համար, որ եկավ, և՛ բարեկամից, որ օրեցօր ավելի շաղակրատ էր դառնում և ավելի ազատ էր պահում իրեն։ Անդրեյ Եֆիմիչին ոչ մի կերպ չէր հաջողվում իր մտքերին տալ լուրջ ու վսեմ ընթացք։ | |
− | + | «Այդ իմ մեջ թափանցում է իրականությունը, որի մասին խոսամ էր Իվան Դմիտրիչը,— մտածում էր նա՝ բարկանալով իր մանրակրկիտության վրա։— Սակայն, դատարկ բան է... Տուն կգնամ, և ամեն ինչ հին կարգով կընթանա...»։ | |
− | + | Պետերբուրգում ևս նույնն էր. նա ամբողջ օրերով համարից դուրս չէր գալիս, պառկում էր բազմոցի վրա և վեր էր կենում միայն նրա համար, որպեսզի գարեջուր խմի։ | |
− | + | Միխայիլ Ավերյանիչն անդադար շտապեցնում էր Վարշավա մեկնել։ | |
− | + | — Թանկագի՛նս, ես ինչո՛ւ գնամ այնտեղ,— ասում էր Անդրեյ Եֆիմիչն աղերսող ձայնով։— Մենա՜կ գնացեք, իսկ ինձ թույլ տվեք տուն մեկնել։ Խնդրո՜ւմ եմ ձեզ։ | |
− | + | — Ո՛չ մի դեպքում,— բողոքում էր Միխայիլ Ավերյանիչը։— Այդ զմայլելի քաղաք է։ Ես իմ կյանքի հինգ երջանկագույն տարիներն այնտեղ եմ անցկացրել։ | |
− | + | Անդրեյ Եֆիմիչը կամքի ուժ չուներ իր ասածը պնդելու, և նա, իրեն զսպելով, Վարշավա գնաց։ Այստեղ նա համարից դուրս չէր գալիս, պառկում էր բազմոցին և չարանում իր վրա, իր բարեկամի վրա և լակեյների վրա, որոնք համառորեն հրաժարվում էին ռուսերեն հասկանալ, իսկ Միխայիլ Ավերյանիչը՝ ըստ սովորականի առողջ, կայտառ և ուրախ՝ առավոտից մինչև երեկո զբոսնում էր քաղաքում և փնտրում իր հին ծանոթներին։ Մի քանի անգամ նա տանը չգիշերեց։ Մի գիշերից հետո էլ, որ հայտնի չէ, թե որտեղ էր անցկացրել, նա վաղ առավոտյան տուն վերադարձավ խիստ գրգռված վիճակում, կարմրած ու չսանրված։ Նա երկար ժամանակ մի անկյունից մյուսն էր քայլում՝ ինքն իրեն ինչ֊որ բան քրթմնջալով, հետո կանգ առավ, ասաց. | |
− | + | — Պատիվն ամենի՜ց առաջ։ | |
− | + | Մի փոքր էլ երթևեկելուց հետո նա բռնեց գլուխը և տրագիկ ձայնով ասաց. | |
− | + | — Այո՛, պատիվն ամենի՜ց առաջ։ Թո՛ղ անիծյալ լինի այն րոպեն, երբ առաջին անգամ իմ գլխում այս Բաբելոնը գալու միտքը ծագեց։ Թանկագի՛նս,— դիմեց նա բժշկին,— արհամարհեցեք ինձ, ես ահագին գումար տանուլ տվեցի։ Ինձ հինգ հարյուր ռուբլի փող տվեք։ | |
− | + | Անդրեյ Եֆիմիչը համրեց հինգ հարյուր ռուբլի ու լուռ տվեց իր բարեկամին։ Սա՝ ամոթից ու բարկությունից դեռևս կաս֊կարմիր դեմքով, անկապ բառերով ինչ֊որ ավելորդ բան երդվեց, գլխարկը ծածկեց ու դուրս գնաց։ Մի երկու ժամից հետո վերադառնալով՝ նա ընկավ բազկաթոռին, բարձրաձայն հառաչեց ու ասաց. | |
− | + | — Պատիվս փրկվա՜ծ է։ Մեկնե՛նք, բարեկամս։ Ես չեմ ցանկանում ոչ մի րոպե մնալ այս անիծյալ քաղաքում։ Սրիկանե՜ր։ Ավստրիական լրտեսներ։ | |
− | + | Երբ բարեկամները իրենց քաղաքը վերադարձան, արդեն նոյեմբեր ամիսն էր, և փողոցներում խոր ձյուն էր նստել։ Անդրեյ Եֆիմիչի տեղը գրավել էր բժիշկ Խոբոտովը. նա դեռ ապրում էր իր հին բնակարանում, սպասելով, որ Անդրեյ Եֆիմիչը վերադառնա և ազատի հիվանդանոցում գրաված իր բնակարանը։ Տգեղ կինը, որին նա իր խոհարարուհին էր անվանում, արդեն ապրում էր ֆլիգելներից մեկում։ | |
− | + | Քաղաքում հիվանդանոցային նոր բամբասանքներ էին շրջում։ Ասում էին, թե տգեղ կինը կռվել է վերակացուի հետ, և սա, իբր, ծնկների վրա սողացել է նրա առաջ՝ ներում խնդրելով։ | |
− | + | նդրեյ Եֆիմիչն իր ժամանման առաջին իսկ օրը հարկադրված եղավ իր համար բնակարան փնտրել։ | |
− | + | — Բարեկամս,— ասաց նրան փոստի պետը երկչոտ տոնով,— ներեցեք անհամեստ հարցս, դուք ի՞նչ միջոցներ ունեք։ | |
− | + | Անդրեյ եֆիմիչը լռությամբ հաշվեց իր փողերը և ասաց. | |
− | + | — Ութսունվեց ռուբլի։ | |
− | + | — Ես այդ չեմ հարցնում,— շփոթված ասաց Միխայիլ Ավերյանիչը՝ բժշկին չհասկանալով։— Ես հարցնում եմ, թե դուք ընդհանրապես ինչ միջոցներ ունեք։ | |
− | + | — Ես էլ դե ասում եմ ձեզ, ութսունվեց ռուբլի... ես ուրիշ ոչինչ չունեմ։ | |
− | + | Միխայիլ Ավերյանիչը բժշկին ազնիվ և առաքինի մարդ էր համարում, բայց և այնպես կարծում էր, որ նա առնվազն մի քսան հազարանոց կապիտալ ունի։ Իսկ այժմ, երբ իմացավ, որ Անդրեյ Եֆիմիչն աղքատ է, որ նա ապրուստի միջոց չունի, չգիտես ինչու, հանկարծ լաց եղավ ու գրկեց իր բարեկամին։ | |
==XV== | ==XV== |
02:53, 11 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Անտոն Չեխով |
Բովանդակություն
I
Հիվանդանոցի բակում կա մի փոքրիկ կողաշենք, որ շրջապատված է կռատուկի, եղինջի ու վայրի կանեփի մի ամբողջ անտառով։ Նրա տանիքի թիթեղյա ծածկը ժանգոտել է, ծխնելույզը կիսով չափ փլվել, նախամուտքի աստիճանները փտել են ու ծածկվել կանաչած խոտով, իսկ պատերի ծեփի միմիայն հետքերն են մնացել։ Նրա ճակատն ուղղված է դեպի հիվանդանոցը, իսկ հետևի երեսը նայում է դաշտին, որից նրան բաժանում է հիվանդանոցի գորշ ցանկապատը՝ կատարին մեխեր։ Սուր ծայրերը դեպի վեր ուղղված այդ մեխերը և ցանկապատը, և հենց կողաշենքն ունեն այն հատուկ մռայլ, դժոխային տեսքը, որպիսին մեզ մոտ ունենում են միայն հիվանդանոցային և բանտային շենքերը։
Եթե դուք եղինջի դաղելուց չեք վախենում, ապա գնանք կողաշենք տանող նեղ արահետով և տեսնենք՝ ինչ է կատարվում նրա ներսում։ Առաջին դուռը բաց անելով՝ մենք մտնում ենք նախասենյակ։ Այդտեղ պատերի տակ և վառարանի մոտ իրար վրա թափված են հիվանդանոցային հնոտիի ամբողջ սարեր։ Ներքնակներ, պատառոտված հին խալաթներ, վարտիքներ, կապտաշերտ շապիկներ, բոլորովին անպետք, իսպառ մաշված ոտնամաններ,— այդ ամբողջ հնոտին դիզված է կույտերով, տրորված է, խճճված, նեխում է և հեղձուցիչ հոտ արձակում։
Հնոտիի վրա, ծխամորճը միշտ ատամների արանքում, պառկած է պահապան Նիկիտան՝ գունաթափ տարբերանշաններով մի ծեր պաշտոնաթող զինվոր։ Նա ունի խոժոռ, սմքած դեմք, կախ հոնքեր, որոնք նրա դեմքին տալիս են տափաստանի հովվի շան տեսք, և կարմիր քիթ։ Նա բարձրահասակ է, արտաքուստ նիհար ու ջլուտ, բայց կեցվածքն ազդեցիկ է և բռունցքները խոշոր։ Նա պատկանում է այն պարզամիտ, դրական, հանձնակատար ու բթամիտ մարդկանց թվին, որոնք աշխարհում ամենից շատ սիրում են կարգ ու կանոնը, ուստիև համոզված են, որ հիվանդներին պետք է ծեծել։ Նա խփում է դեմքի, կրծքի, մեջքի, ինչ տեղի որ պատահի, և հավատացած է, որ առանց այդ ծեծի այստեղ կարգապահություն չի լինի։
Այնուհետև դուք մտնում եք մի մեծ, ընդարձակ սենյակ, որը գրավում է ամբողջ կողաշենքը, եթե նախասենյակը չհաշվենք։ Այդտեղ պատերին քսված է կեղտոտ կապտագույն ներկ, առաստաղը ծխոտված է, ինչպես ծխնելույզ չունեցող խրճիթում,— պարզ է, որ ձմեռն այդտեղ վառարանները ծխում են և ածխահարություն է լինում։ Երկաթե վանդակների պատճառով պատուհանները ներսից այլանդակ տեսք ունեն։ Հատակը գորշ է և խորդուբորդ։ Սենյակը լի է թթու կաղամբի, խանձվող պատրույգի, փայտոջիլի և անուշադրի վատ հոտով, և այդ գարշահոտությունն առաջին րոպեին ձեզ վրա այնպիսի տպավորություն է թողնում, կարծես թե դուք գազանանոց եք մտնում։
Սենյակում դրված են մահճակալներ, որոնք պտուտակներով ամրացված են հատակին։ Նրանց վրա նստած կամ պառկած են հիվանդանոցային կապույտ խալաթ հագած և, ինչպես հնում էր, թասակ դրած մարդիկ. դրանք խելագարներ են։
Նրանք այստեղ հինգ հոգի են։ Միայն մեկն է ազնվական կոչման տեր. մնացածները բոլորը քաղքենիներ են։ Դռան կողմից առաջինը— մի բարձրահասակ, նիհար քաղքենի՝ կարմրաշեկ, պսպղուն բեղերով և լացակումած աչքերով,— նստած է՝ գլուխը ձեռքերին հենած և նայում է մի կետի։ Օր ու գիշեր նա թախծում է՝ գլուխն օրորելով, հոգոց հանելով և դառը ժպտալով. խոսակցություններին նա հազվադեպ է մասնակցում և հարցերին սովորաբար չի պատասխանում. նա ուտում և խմում է մեքենայորեն, երբ տալիս են։ Տանջալի, ցնցող հազից, նիհարությունից և այտերի կարմրությունից դատելով՝ նրա օրգանիզմում թոքախտ է սկսվել։
Նրանից հետո գալիս է փոքրամարմին, առույգ, շատ շարժուն մի ծերուկ, որն ունի սրածայր մորուք և նեգրի մազերի պես սևագանգուր մազեր։ Ցերեկը նա ճեմում է հիվանդասենյակում՝ մի պատուհանից մյուսը քայլելով կամ թուրքի պես ծալապատիկ նստում է անկողնի վրա և խածկտիկի նման անդադար սուլում, կամացուկ երգում է ու քրքջում։ Մանկան ուրախություն և կայտառ բնավորություն է ցուցաբերում նա նաև գիշերը, երբ վեր է կենում, որպեսզի աղոթի աստծուն, այսինքն՝ բռունցքներով կուրծքը ծեծի և մատներով դռները քչփորի։ Այդ ջհուդ Մոիսեյկան է, մի խելացնոր մարդ, որ խելագարվել է սրանից մի քսան տարի առաջ, երբ իր գդակի արհեստանոցն այրվել է։
Համար 6 հիվանդասենյակի բոլոր բնակիչներից միայն նրան է թույլատրվում դուրս գալ ֆլիգելից և մինչև անգամ հիվանդանոցի բակից փողոց գնալ։ Այդպիսի արտոնություն նա վաղուց է վայելում, հավանորեն, որպես հիվանդանոցի հնաբնակ և որպես խաղաղաբարո, անվնաս մի խենթուկ, քաղաքի ծաղրածու, որին վաղուց արդեն սովորել են տեսնել փողոցներում՝ տղաներով և շներով շրջապատված։ Հագին թեթև խալաթ, գլխին մի ծիծաղելի թասակ, ոտքերին տուֆլիներ, երբեմն էլ ոտաբոբիկ և նույնիսկ անվարտիք,— նա շրջում է փողոցներում, կանգ առնելով դարբասների ու կրպակների առաջ, ու մի կոպեկ ողորմություն է խնդրում։ Մի տեղ նրան կվաս են տալիս, մի ուրիշ տեղ հաց, երրորդում՝ մի կոպեկ փող, այնպես որ նա հիվանդասենյակ է վերադառնում սովորաբար կշտացած և հարստացած։ Բոլորը, ինչ նա բերում է իր հետ, նրանից խլում է Նիկիտան։ Զինվորն այդ անում է կոպտաբար, չարասրտությամբ, դատարկելով նրա գրպանները և աստծու անունով երդվելով, որ ջհուդին այլևս երբեք փողոց չի թողնի և որ անկարգությունն իր համար ամենավատ բանն է աշխարհում։
Մոիսեյկան սիրում է մարդկանց ծառայություն մատուցել։ Ընկերներին նա ջուր էր տալիս, ծածկում է նրանց, երբ նրանք քնած են լինում, խոստանում է յուրաքանչյուրին փողոցից մի կոպեկ փող բերել և մի նոր գդակ կարել. դարձյալ նա է, որ գդալով կերակրում է իր ձախակողմյան հարևան անդամալույծին։ Նա այդպես վարվում է ոչ թե կարեկցությունից դրդված և ոչ էլ որևէ մարդասիրական բնույթի նկատառումով, այլ նմանվելով և ակամա ենթարկվելով իր աջակողմյան հարևանին՝ Գրոմովին։
Իվան Դմիտրիչ Գրոմովը՝ նախկին դատական պրիստավ և նահանգական քարտուղար, որ երեսուներեքի մոտ մի տղամարդ է ազնվական դասից, տառապում է հալածավախությամբ։ Նա կամ պառկած է լինում անկողնի վրա գունդուկծիկ դարձած, կամ քայլում է մի անկյունից մյուսը՝ կարծես զբոսանք կատարելու համար, իսկ նստում է շատ հազվագյուտ դեպքերում։ Նա միշտ գրգռված է, հուզված ու լարված՝ մի ինչ֊որ աղոտ, անորոշ բանի սպասելու պատճառով։ Բավական է մի ամենափոքրիկ շրշյուն նախասենյակում կամ ճիչ բակում, որպեսզի նա բարձրացնի գլուխը և սկսի ականջ դնել. արդյո՞ք իր հետևից չեն գալիս։ Արդյո՞ք իրեն չեն փնտրում։ Եվ նրա դեմքն այն ժամանակ արտահայտում է ծայրահեղ անհանգստություն ու զզվանք։
Ինձ դուր է գալիս նրա լայն, այտոսկրոտ, միշտ գունատ և խղճալի դեմքը, որը հայելու պես ցոլացնում է իր մեջ պայքարից ու երկարատև վախից տանջված նրա հոգին։ Նրա ծամածռությունները տարօրինակ են ու հիվանդագին, բայց նուրբ գծերը, որ քաշել է նրա դեմքին խոր, անկեղծ տառապանքը, խելացի են ու ինտելիգենտական, և նրա աչքերում կա մի ջերմ, առողջ փայլ։ Ինձ դուր է գալիս նա ինքը՝ քաղաքավարի, հաճոյակատար և արտասովոր նրբանկատ բոլորի հանդեպ, բացի Նիկիտայից։ Երբ որևէ մեկի ձեռքից մի կոճակ կամ գդալ է ընկնում, նա շտապով ցատկում է անկողնից ու վերցնում։ Ամեն առավոտ նա ողջունում է իր ընկերներին՝ բարի լույս ասելով, իսկ երբ պառկում է քնելու՝ նրանց բարի գիշեր է մաղթում։
Մշտապես լարված վիճակից և ծամածռություններ անելուց բացի, նրա խելագարությունն արտահայտվում է նաև հետևյալում. երբեմն երեկոները նա փաթաթվում էր բարակ խալաթի մեջ և, դողալով, ատամներր չխկչխկացնելով, սկսում է արագ քայլել մի անկյունից մյուսը և մահճակալների կողքերը։ Այնպիսի տպավորություն է ստացվում, թե նա ուժեղ ջերմ ունի։ Դիտելով, թե ինչպես նա հանկարծակի կանգ է առնում և նայում ընկերներին, զգում ես, որ ցանկանում է ինչ֊որ շատ կարևոր բան ասել, բայց, ըստ երևույթին, գլխի ընկնելով, որ իրեն չեն լսի կամ չեն հասկանա, նա անհամբերությամբ ցնցում է գլուխը և շարունակում քայլել։ Բայց խոսելու ցանկությունը շուտով հաղթում է ամեն տեսակ կշռադատություններին, և նա ազատություն է տալիս իրեն ու խոսում է կրակոտ ու կրքոտ։ Նրա խոսքը խառնաշփոթ է, տենդագին, ինչպես զառանցանք, պոռթկուն և ոչ միշտ հասկանալի, բայց դրա փոխարեն՝ թե՛ նրա խոսքերի, թե՛ ձայնի մեջ լսվում է ինչ֊որ անչափ լավ բան։ Երբ նա խոսում է, դուք նրա մեջ տեսնում եք խելագարին և մարդուն։ Դժվար է թղթի վրա արտահայտել նրա խելացնոր խոսվածքը։ Նա խոսում է մարդկանց ստորության մասին, արդարությունը ոտնակոխ անող բռնության մասին, հիանալի կյանքի մասին, որ ժամանակին լինելու է երկրի վրա, պատուհանների վանդակների մասին, որոնք ամեն րոպե հիշեցնում են բռնացողների բթամտությունն ու դաժանությունը։ Ստացվում է մի խառնաշփոթ, անկապ պոպուրի՝ հին, բայց մինչև վերջ չերգված երգերից։
II
Մի տասներկու֊տասնհինգ տարի սրանից առաջ քաղաքում, ամենագլխավոր փողոցի վրա գտնվող իր սեփական տան մեջ ապրում էր չինովնիկ Գրոմովը՝ մի սոլիդ և ունևոր մարդ։ Նա ուներ երկու որդի՝ Սերգեյ և Իվան։ Արդեն չորրորդ կուրսի ուսանող Սերգեյը հիվանդացավ սրընթաց թոքախտով ու մեռավ, և այդ մահն ասես սկիզբ ծառայեց մի ամբողջ շարք դժբախտությունների, որ հանկարծ թափվեցին Գրոմովների ընտանիքի գլխին։ Սերգեյի թաղումից մի շաբաթ անց՝ ծերուկ հայրը կեղծիքի և զեղծարարության համար դատի տրվեց և շուտով բանտի հիվանդանոցում մեռավ տիֆից։ Տունը և ամբողջ շարժական ունեցվածքը աճուրդով վաճառվեց, և Իվան Դմիտրիչն ու իր մայրը մնացին առանց ապրուստի որևէ միջոցի։
Առաջ, հոր կենդանության ժամանակ, Իվան Դմիտրիչը ապրում էր Պետերբուրգում, որտեղ նա ուսանում էր համալսարանում, ամսական ստանում էր վաթսուն֊յոթանասուն ռուբլի և ոչ մի հասկացողություն չուներ կարիքի մասին. իսկ այժմ ստիպված եղավ կտրուկ կերպով փոխել իր կյանքը։ Նա ստիպված էր առավոտից մինչև գիշեր գրոշանոց դասեր տալ, զբաղվել արտադրությամբ և, այնուամենայնիվ, քաղցած մնալ, որովհետև ամբողջ վաստակն ուղարկում էր մորը՝ ապրուստ հայթայթելու։ Իվան Դմիտրիչն այդպիսի կյանքի չդիմացավ. նա հոգեպես ընկճվեց, նիհարեց և, համալսարանը թողնելով, մեկնեց տուն։ Այդտեղ, այդ փոքրիկ քաղաքում, ազդեցիկ մարդկանց աջակցությամբ նա ուսուցչի տեղ ստացավ գավառական ուսումնարանում, բայց ընկերների հետ չհարմարվեց, աշակերտներին դուր չեկավ և շուտով թողեց պաշտոնը։ Մեռավ մայրը։ Նա մոտ կես տարի առանց պաշտոնի շրջեց, սնվելով միայն հացով ու ջրով, ապա դատական պրիստավի պաշտոն ստացավ։ Այդ պաշտոնը նա վարեց այնքան ժամանակ, մինչև որ հիվանդության պատճառով հեռացվեց։
Նա երբեք առողջ մարդու տպավորություն չէր թողնում, նույնիսկ երիտասարդ ժամանակ, ուսանողական տարիներին։ Միշտ գունատ էր, նիհար, շուտ մրսող. քիչ էր ուտում, վատ քնում։ Մի բաժակ գինուց նրա գլուխը պտտվում էր, և նա ջղաձգություն էր ունենում։ Միշտ ձգտում էր մարդկանց հետ լինել, բայց դյուրագրգիռ բնավորության և կասկածամտության հետևանքով ոչ ոքի հետ չէր մտերմանում և բարեկամներ չուներ։ Քաղաքացիների մասին միշտ արհամարհանքով էր խոսում, ասելով, որ նրանց կոպիտ տգիտությունը և քնած անասնական կյանքը ստոր և նողկալի են թվում իրեն։ Խոսում էր տենորով, բարձր, կրակոտ և ոչ այլ կերպ, բայց եթե վրդովված ու հուզված կամ հիացած ու զարմացած և միշտ անկեղծ։ Ինչի մասին էլ որ խոսեիր նրա հետ, նա բոլորը կհանգեցներ մի բանի՝ քաղաքում մարդ խեղդվում է, և կյանքը ձանձրալի է, հասարակությունը բարձր շահագրգռություններ չունի, վարում է անփայլ, անիմաստ կյանք՝ այդ կյանքը բազմազան դարձնելով բռնությամբ, կոպիտ անբարոյականությամբ ու կեղծավորությամբ. սրիկաները կուշտ են ու լավ հագնված, իսկ ազնիվ մարդիկ փշրանքներով են սնվում. հարկավոր են դպրոցներ, ազնիվ ուղղություն ունեցող թերթ, թատրոն, հրապարակային դասախոսություններ, ինտելիգենտ ուժերի համախմբվածություն, հարկավոր է, որ հասարակությունն ինքնագիտակցության գա, ճանաչի իրեն ու սոսկա։ Մարդկանց մասին արած իր դատողություններում նա գործադրում էր թանձր գույներ՝ միայն սևը և սպիտակը, չընդունելով ո՛չ մի նրբերանգ. նա մարդկությունը բաժանում էր ազնիվների և սրիկաների. իսկ միջինը՝ չկար։ Կանանց և սիրո մասին միշտ խոսում էր կրքոտությամբ, հրճվանքով, բայց ոչ մի անգամ սիրահարված չէր եղել։
Չնայած դատողությունների խստությանը և նյարդայնությանը, քաղաքում նրան սիրում էին և նրա բացակայությամբ փաղաքշանքով Վանյա էին անվանում։ Նրա բնատուր քաղաքավարությունը, հաճոյակատարությունը, վայելչականությունը, բարոյական մաքրությունը և մաշված սերթուկը, հիվանդոտ տեսքը և ընտանեկան դժբախտությունները զարթեցնում էին լավ, ջերմ ու տխրանուշ զգացմունք. մանավանդ որ նա լավ կրթված ու կարդացած մարդ էր, քաղաքացիների կարծիքով գիտեր ամեն ինչ և քաղաքում մի տեսակ շրջիկ տեղեկատու բառարան էր։
Նա խիստ շատ էր կարդում։ Առաջ անվերջ նստում էր ակումբում, նյարդայնորեն քաշքշում փոքրիկ մորուքը և թերթում էր ամսագրերն ու լրագրերը, և նրա դեմքից երևում էր, որ ոչ թե կարդում է, այլ կլանում՝ հազիվ կարդացածը մարսելով։ Պետք է կարծել, որ ընթերցանությունը նրա հիվանդագին սովորություններից մեկն էր, որովհետև նա միանման ագահությամբ էր հարձակվում այն ամենի վրա, ինչ ձեռքն ընկնում էր, նույնիսկ անցյալ տարվա թերթերի և օրացույցների։ Տանը, իր սենյակում, նա միշտ պառկած էր կարդում։
III
Մեկ անգամ, աշնանային մի առավոտ, վերարկուի օձիքը բարձրացրած և ցեխը չփչփացնելով, Իվան Դմիտրիչը նրբանցքներով ու հետնաբակերով դժվարությամբ գնում էր մի ինչ֊որ քաղքենու տուն՝ կատարողական թերթիկով դրամ ստանալու։ Նրա տրամադրությունը մռայլ էր, ինչպես միշտ լինում էր առավոտները։ Նրբանցքներից մեկում նրան պատահեցին երկու շղթայակապ կալանավորներ և նրանց հետ՝ չորս հրացանավոր ուղեկցորդ։ Առաջներում Իվան Դմիտրիչը շատ հաճախ էր պատահում կալանավորների և ամեն անգամ նրանք իր մեջ զարթնեցնում էին կարեկցության ու անհարմարության զգացում, իսկ այժմ այս հանդիպումը նրա վրա ինչ֊որ հատուկ, տարօրինակ տպավորություն գործեց։ Հանկարծ, չգիտես ինչու, նրան թվաց, թե իրեն ևս կարող են շղթայակապ անել և այդպես ցեխի միջով բանտ տանել։ Քաղքենուն այցելելուց հետո տուն վերադառնալիս՝ փոստի մոտ նա հանդիպեց իրեն ծանոթ ոստիկանական վերակացուին, որը բարևեց և մի քանի քայլ նրա հետ գնաց փողոցով, ու, չգիտես ինչու, այդ բանը Իվան Դմիտրիչին կասկածելի թվաց։ Տանն ամբողջ ժամանակ նրա մտքից չէին հեռանում կալանավորներն ու հրացանավոր զինվորները, և անհասկանալի հոգեկան տագնապը խանգարում էր նրան կարդալ և կենտրոնանալ։ Երեկոյան տան լույսը չվառեց, իսկ գիշերը չքնեց ու անվերջ մտածում էր այն մասին, որ իրեն կարող են ձերբակալել, շղթայակապ անել ու բանտ նստեցնել։ Նա չէր հիշում, թե ինքը երբևէ հանցանք է գործել, և կարող էր երաշխավորել, որ ապագայում ևս երբեք մարդ չի սպանի, ոչինչ չի հրդեհի և չի գողանա. բայց մի՞թե դժվար է դիպվածով ակամա հանցագործություն կատարել և մի՞թե հնարավոր չէ զրպարտություն, վերջապես՝ դատական սխալ։ Չէ՞ որ զուր չէ ժողովրդական դարավոր փորձն ուսուցանում, որ մուրացկանությունից ու բանտից խուսափելու երաշխիք չկա։ Իսկ դատական սխալն այժմյան դատավարության պայմաններում շատ հնարավոր է ու դրա մեջ ոչինչ չկա զարմանալի։ Այն մարդիկ, որոնք պաշտոնական, գործարար վերաբերմունք ունեն դեպի ուրիշի տառապանքը, օրինակ՝ դատավորները, ոստիկանները, բժիշկները, ժամանակի ընթացքում, սովորական դառնալու հետևանքով, այն աստիճան քարսիրտ են դառնում, որ եթե ցանկանան էլ՝ չեն կարող իրենց հիվանդներին վերաբերվել այլ կերպ, քան ձևականորեն։ Այս տեսակետից նրանք ոչնչով չեն զանազանվում իրենց տան հետնաբակում ոչխար և հորթ մորթող ու նրանց արյունը չնկատող գեղջուկից։ Իսկ դեպի անհատը ձևական, անհոգի վերաբերմունք ցայց տալու դեպքում՝ անմեղ մարդուն բոլոր իրավունքներից զրկելու և տաժանակիր աշխատանքների դատապարտելու համար դատավորին պետք է միայն մի բան՝ ժամանակ։ Միա՛յն ժամանակ, որպեսզի պահպանի որոշ ձևականություններ, որոնց համար դատավորին ռոճիկ են վճարում, և այնուհետև ամեն ինչ վերջացած է։ Հետո արդարություն ու պաշտպանություն փնտրիր այդ փոքրիկ, կեղտոտ քաղաքում, երկաթուղուց երկու հարյուր վերստ հեռավորության վրա։ Եվ մի՞թե նույնիսկ ծիծաղելի չէ մտածել արդարության մասին, երբ ամեն մի բռնություն հասարակությունն ընդունում է որպես խելացի և նպատակահարմար անհրաժեշտություն, և ողորմածության ամեն մի ակտ, օրինակ՝ արդարացման դատավճիռ, առաջ է բերում գժգոհության, քինախնդրության զգացումի մեծ պոռթկում։
Առավոտյան Իվան Դմիտրիչն անկողնից վեր կացավ սարսափած, սառը քրտինքը ճակատին, արդեն բոլորովին համոզված, որ ամեն րոպե իրեն կարող են ձերբակալել։ Եթե երեկվա ծանր մտքերն այսքան երկար ժամանակ չեն հեռանում իր գլխից,— մտածում էր նա,— նշանակում է նրանց մեջ որոշ ճշմարտություն կա։ Դրանք, իսկապես, հո չէի՞ն կարող իր գլխում ծագել առանց որևէ դրդապատճառի։
Քաղաքապահն առանց շտապելու անցավ պատուհանների մոտով. այդ իզուր չէր։ Ահա երկու մարդ կանգ առան տան մոտ և լուռ մնացին։ Նրանք ինչո՞ւ են լռում։
Եվ Իվան Դմիտրիչի համար եկան տանջալի օրեր ու գիշերներ։ Պատուհանների մոտով անցնող և բակ մտնող բոլոր մարդիկ լրտեսներ և խուզարկուներ էին թվում։ Կեսօրին ոստիկանապետն ըստ սովորականի երկձի կառքով անցնում էր փողոցով. նա իր քաղաքամերձ կալվածքից ոստիկանական վարչություն էր գնում, իսկ Ւվան Ղմիտրիչին ամեն անգամ թվում էր, թե նրա կառքը չափազանց արագ է գնում, և նրա դեմքն ունի ինչ֊որ առանձին արտահայտություն. հավանորեն շտապում է հայտարարելու, որ քաղաքում լույս է ընկել մի շատ խոշոր ոճրագործ։ Ւվան Դմիտրիչր ցնցվում էր ամեն զանգից ու դարպասի բախումից, տանջվում էր, երբ տանտիրուհու մոտ նոր մարդ էր տեսնում. ոստիկանների և ժանդարմների հանդիպելիս ժպտում էր ու սուլում, որպեսզի անտարբեր երևա։ Ձերբակալության սպասելով նա ողջ գիշերները մինչև լույս չէր քնում, բայց քնած մարդու պես խռմփացնում էր ու հառաչում, որպեսզի տանտիրուհուն թվա, թե քնած է. չէ որ եթե չի քնում, նշանակում է նրան խղճի խայթ է տանջում, ինչպիսի՜ հանցանշան։ Փաստերը և առողջ տրամաբանությունը համոզում էին նրան, որ այդ ամբողջ վախը դատարկ բան է և պսիխոպատիա, որ ձերբակալության ու բանտարկության մեջ, եթե դրան ավելի լայն հայացքով նայենք, իսկապես ասած, սարսափելի ոչինչ չկա,— միայն թև մարդու խիղճը հանգիստ լինի։ Բայց որքան ավելի խելացի և տրամաբանորեն էր դատում, հոգեկան տագնապն այնքան ավելի ուժեղ ու տանջող էր դառնում։ Դա նման էր նրան, որ մի ճգնավոր ցանկացել էր ծառերը կտրելով կուսական անտառում իր համար տեղ բացել և ինչքան ավելի եռանդով էր բանեցրել կացինը, այնքան ավելի խիտ ու արագ էր աճել անտառը։ Իվան Դմիտրիչը, վերջիվերջո տեսնելով, որ այդ անօգուտ է, բոլորովին թողեց դատողություն անելը և ամբողջովին անձնատուր եղավ հուսահատության ու երկյուղի։
Նա սկսեց առանձնանալ ու խուսափել մարդկանցից։ Ծառայությունն առաջ էլ նրա համար զզվելի էր, իսկ այժմ դա անտանելի դարձավ։ Նա վախենում էր, թե իրեն որևէ կերպ կխաբեն, աննկատելիորեն գրպանը կաշառք կդնեն ու հետո կմերկացնեն որպես ոճրագործի կամ ինքը պետական փաստաթղթերում անզգուշաբար սխալ կգործի, որը հավասարազոր կլինի կեղծիքի, կամ ուրիշի փող կկորցնի։ Տարօրինակ է, որ ուրիշ ժամանակ նրա միտքը երբեք այդքան ճկուն ու հնարագետ չէր եղել, ինչպես այժմ է, երբ ամեն օր հազարավոր բազմազան առիթներ է հնարում, որպեսզի լրջորեն չվախենա, թե իր ազատությանը և պատվին վտանգ է սպառնում։ Բայց դրա փոխարեն զգալիորեն թուլացել է նրա հետաքրքրությունը դեպի արտաքին աշխարհը, մասնավորապես դեպի գրքերը, և հիշողությունն սկսել է խիստ դավաճանել։
Գարնանը, երբ ձյունը հալվեց ու վերացավ, գերեզմանատան մոտ, ձորակում գտան կիսով չափ նեխած երկու դիակ, մի պառավի և մի տղայի, որոնց վրա կային բռնի մահվան նշաններ։ Քաղաքում բոլորի խոսակցության առարկան այդ դիակները և անհայտ մարդասպաններն Էին։ Իվան Դմիտրիչը, որպեսզի չկարծեն, թե ինքն է նրանց սպան ողը, շրջում էր փողոցներում ու ժպտում, իսկ ծանոթների հանդիպելիս՝ գունատվում էր, կարմրում և սկսում հավատացնել, թե չկա ավելի ստոր ոճրագործություն, քան թույլերին և անպաշտպաններին սպանելը։ Բայց այդ կեղծիքը շուտով նրան հոգնեցրեց և, վաքր֊ինչ խորհրդածելուց հետո, նա որոշեց, որ այն վիճակում, որի մեջ ինքը գտնվում Է, լավագույնն է՝ թաքնվել տանտիրուհու նկուղում։ Նկուղում նա թաքնված մնաց ցերեկը, հետո գիշերը և հաջորդ ցերեկը, սաստիկ մրսեց և, մինչև մթնշաղը սպասելով՝ ծածուկ, գողեգող անցավ իր սենյակը։ Մինչև լուսաբաց նա կանգնեց սենյակի մեջտեղում առանց շարժվելու և ականջը ձայնի պահած։ Վաղ առավոտյան, արևածագից առաջ, տանտիրուհու մոտ վառարանագործներ եկան։ Իվան Դմիտրիչը լավ գիտեր, որ նրանք եկել են խոհանոցի վառարանը վերանորոգելու, բայց վախը նրան հուշեց, թե դրանք վառարանագործի կերպ մտած ոստիկաններ են։ Նա կամացուկ դուրս եկավ բնակարանից և, սարսափով բռնված, առանց գդակի ու սերթուկի՝ վազեց փողոցով։ Շները հաչելով հետապնդեցին նրան, թիկունքում ինչ֊որ տեղ մի գեղջուկ բղավեց, նրա ականջներում սուլեց օդը, և Իվան Դմիտրիչին թվաց, թե ամբողջ աշխարհի բռնությունը կուտակվել է իր թիկունքում ու հետապնդում է իրեն։
Նրան բռնեցին, բերեցին տուն և տանտիրուհուն ուղարկեցին բժիշկ կանչելու։ Բժիշկ Անդրեյ Եֆիմիչը, որի մասին հետո կխոսենք, կարգադրեց հիվանդի գլխին սառը թրջոցներ դնել և նշանակեց դափնեբալի կաթիլներ, տխուր օրորեց գլուխը և գնաց՝ տանտիրուհուն ասելով, որ ինքն այլևս չի գա, որովհետև մարդկանց չպետք է խանգարել խելագարվելու։ Քանի որ ապրուստի և բժշկության միջոցներ տանը չկային, ուստիև Իվան Դմիտրիչին շուտով ուղարկեցին հիվանդանոց և այնտեղ պառկեցրին վեներական հիվանդների հիվանդասենյակում։ Նա գիշերները չէր քնում, քմահաճություն էր անում ու անհանգստացնում հիվանդներին և շատով, Անդրեյ Եֆիմիչի կարգադրությամբ, նրան փոխադրեցին համար 6 հիվանդասենյակը։
Մի տարուց հետո քաղաքում բոլորովին մոռացան Իվան Դմիտրիչին, և նրա գրքերը, որ տանտիրուհին խառնիխուռն լցրել էր բակում ծածկի տակ գտնվող սահնակի մեջ, տղաները հափշտակեցին։
IV
Իվան Դմիտրիչի ձախակողմի հարևանը, ինչպես ես արդեն ասել եմ, ջհուդ Մոիսեյկան է, իսկ աջակողմի հարևանը՝ ճարպակալած, համարյա գնդլիկ մի գեղջուկ, որի բութ դեմքը կատարելապես զուրկ է մտքի արտահայտությունից։ Դա մի ծանրաշարժ, շատակեր ու անմաքրասեր անասուն է, որ վաղուց արդեն կորցրել է մտածելու և զգալու ընդունակությունը։ Նրանից միշտ սուր, խեղդող գարշահոտություն է փչում։
Նիկիտան, որ նրա կեղտոտությունն է մաքրում, ծեծում է նրան սաստկորեն, ամբողջ թափով` բռունցքները չխնայելով. և սարսափելին այստեղ այն չէ, որ նրան ծեծում են,— դրան կարելի է վարժվել,— այլ այն, որ այդ բթացած անասունը ծեծին չի պատասխանում ոչ ձայն հանելով, ոչ շարժումով, ոչ աչքերի արտահայտությամբ, այլ միայն ծանր տակառի պես թեթևակի օրորվում է։
Համար 6 հիվանդասենյակի հինգերորդ և վերջին բնակիչը ժամանակով փոստում որպես տեսակավորող ծառայած բարի, բայց փոքր֊ինչ խորամանկ դեմքով մի քաղքենի է՝ փոքրամարմին, նիհար, շեկ տղամարդ։ Դատելով նրա խելացի, հանգիստ աչքերի արտահայտությունից, որոնք նայում են պարզ և ուրախ, նա խելքը գլխին մարդ է և ունի ինչ֊որ շատ կարևոր ու հաճելի մի գաղտնիք։ Իր բարձի և ներքնակի տակ նա ունի մի այնպիսի բան, որ ոչ ոքի ցույց չի տալիս, սակայն ոչ թե երկյուղ կրելով, թե այն կարող են խլել կամ գողանալ, այլ՝ ամոթխածությունից։ Երբեմն նա մոտենում է պատուհանին և, մեջքն ընկերների կողմը դարձնելով, իր կրծքին ինչ֊որ բան է ամրացնում և գլուխը կռացնելով՝ նայում է. եթե այդ ժամանակ դուք մոտենաք նրան, նա կամաչի և կրծքից ինչ֊որ բան կպոկի։ Բայց նրա գաղտնիքը դժվար չէ կռահել։
— Շնորհավորեցե՜ք ինձ,— ասում է նա հաճախ Իվան Դմիտրիչին,— ինձ ներկայացրել են Ստանիսլավի երկրորդ աստիճանի շքանշանի` աստղով հանդերձ։ Երկրորդ աստիճանը աստղով հանդերձ տալիս են միայն օտարերկրացիներին, բայց ինձ համար, չգիտեմ ինչու, ուզում են բացառություն անել,— ժպտում է նա՝ տարակուսանքով ուսերը թոթվելով։— Ա՛յ, խոստովանք լինի, չէի սպասում։
— Ես դրա մասին ոչ մի հասկացողություն չունեմ,— մռայլ հայտարարում է Իվան Դմիտրիչը։
— Բայց գիտե՞ք, վաղ թե ուշ ես ինչի կհասնեմ,— շարունակում է նախկին տեսակավորողը՝ աչքերը խորամանկորեն կկոցելով։— Ես անպայման կստանամ շվեդական «Բևեռային աստղ» շքանշանը։ Դա այնպիսի շքանշան է, որ արժի դրա համար սրան֊նրան դիմել։ Սպիտակ խաչ և սև ժապավեն։ Այդ շատ գեղեցիկ է։
Հավանորեն ուրիշ ոչ մի տեղ կյանքն այնքան միօրինակ չէ, ինչպես Ֆլիգելում։ Հիվանդները, բացի անդամալույծից և հաստլիկ գեղջուկից, առավոտյան լվացվում են նախասենյակում դրված մեծ տաշտի մեջ ու սրբվում իրենց խալաթների փեշերով. դրանից հետո անագե գավաթներով թեյ են խմում, որ գլխավոր շենքից Նիկիտան է բերում։ Յուրաքանչյուրին հասնում է մի գավաթ։ Կեսօրին ուտում են թթու կաղամբով շչի և խաշիլ. երեկոյան ընթրիքը ճաշից մնացած խաշիլն է։ Այդ գործողությունների արանքում պառկում են, քնում, պատուհաններից դուրս նայում և մի անկյունից մյուսը քայլում։ Եվ այդպես ամեն օր։ Նույնիսկ նախկին տեսակավորողը միշտ միևնույն շքանշաններից է խոսում։
Համար 6 հիվանդասենյակում նոր մարդ հազվադեպ են տեսնում։ Բժիշկն արդեն վաղուց է, որ նոր խելագարներ չի ընդունում, իսկ գժանոց այցելելու սիրահար քիչ կա այս աշխարհում։ Երկու ամիսը մեկ անգամ Ֆլիգել է գալիս Սեմյոն Լազարիչը՝ վարսավիրը։ Թե նա ինչպես է խուզում խելագարների մազերը և այդ գործում նրան ինչպես է օգնում Նիկիտան, ու հիվանդներն ինչպես են շփոթվում ամեն անգամ, երբ հայտնվում է հարբած, ժպտացող վարսավիրը,— այդ մասին չխոսենք։
Վարսավիրից բացի, ոչ ոք Ֆլիգել չի գալիս։ Հիվանդները դատապարտված են ամեն օր տեսնելու միմիայն Նիկիտային։
Սակայն օրերս հիվանդանոցային կորպուսում տարածվեց բավական տարօրինակ մի լուր։ Լուր տարածվեց, թե իբր բժիշկն սկսել է այցելել համար 6 հիվանդասենյակը։
V
Տարօրինա՜կ լուր։
Բժիշկ Անդրեյ Եֆիմիչ Ռագինը իր տեսակի խիստ հետաքրքրական մարդ է։ Ասում են, իր վաղ երիտասարդության ժամանակ նա շատ կրոնասեր է եղել և իրեն պատրաստելիս է եղել հոգևոր կարիերայի, և որ 1863 թվականին գիմնազիայի դասընթացը ավարտելով՝ նա մտադիր է եղել մտնելու հոգևոր ճեմարան, բայց իբր թե հայրը՝ բժշկագիտության դոկտոր և վիրաբույժ, կծու ծաղրել է նրան ու կտրականապես հայտարարել՝ եթե նա տերտերության գնա, նրան իր որդին չի համարի։ Որքան ճիշտ է այդ, չգիտեմ, բայց Անդրեյ Եֆիմիչն ինքը քանիցս խոստովանել է, որ ինքը երբեք բժշկագիտության և առհասարակ մասնագիտական գիտությունների հակում չի ունեցել։
Այսպես թե այնպես, բժշկական ֆակուլտետի դասընթացն ավարտելով՝ նա քահանա չի ձեռնադրվում։ Կրոնասիրություն նա չի դրսևորել, և իր բժշկական կարիերայի սկզբում նույնքան քիչ է նման եղել հոգևորականի, որքան և հիմա։
Նրա արտաքինը կոպիտ է, ծանր, գեղջկական. իր դեմքով, մորուքով, ճապաղած մազերով և ամուր, անճոռնի կառուցվածքով նա հիշեցնում է մեծ ճանապարհի տռզած, անժուժկալ ու բիրտ պանդոկապետի։ Երեսը խստատեսք է, ծածկված կապույտ երակներով, աչքերը փոքր են, քիթը՝ կարմիր։ Բարձր հասակի և լայն թիկունքի հետ մեկտեղ նա ունի հսկայական ձեռքեր ու ոտքեր. թվում է, թե բավական է նրա բռունցքի մի հարվածը, և շունչդ կփչես։ Բայց նրա ընթացքը հանդարտ է, քայլվածքն զգույշ, գողտրիկ. նեղ միջանցքում հանդիպելիս՝ նա միշտ առաջինն է կանգ առնում, որպեսզի ճանապարհ տա և ոչ թե բամբ ձայնով, ինչպես կսպասեիք, այլ բարակ, մեղմ տենորով ասում է՝ «Ներողությո՛ւն»։ Նրա պարանոցի վրա կա մի փոքրիկ ուռուցք, որը նրան խանգարում է կոշտ, օսլայած օձիք կրելու, ուստի նա միշտ փափուկ քաթանե կամ չթե կրկնաշապիկ է հագնում։ Ընդհանրապես նա բժշկավարի չի հագնվում։ Միևնույն ձեռք զգեստը կրում է մի տասը տարի, իսկ նոր զգեստը, որը նա սովորաբար գնում է ջհուդի խանութից, նրա հագին նույնքան հնամաշ ու ճմռթված է երևում, որքան և հինը։ Միևնույն սերթուկը հագած՝ նա և՛ հիվանդ է ընդունում, և՛ ճաշում է, և՛ հյուր գնում. բայց այդ ոչ թե ժլատությունից է, այլ իր արտաքինի նկատմամբ կատարյալ անուշադրությունից։
Երբ Անդրեյ Եֆիմիչն իր պաշտոնն ընդունելու համար քաղաք ժամանեց, «աստվածահաճո հիմնարկը» սոսկալի վիճակի մեջ էր գտնվում։ Գարշահոտության պատճառով հիվանդասենյակներում, միջանցքներում և հիվանդանոցի բակում դժվար էր շնչել։ Հիվանդանոցի սևագործ գեղջուկները, հիվանդապահուհիները և նրանց երեխաները քնում էին հիվանդների հետ, հիվանդասենյակներում։ Գանգատվում էին, որ ուտիճների, փայտոջիլների և մկների երեսից օր չեն տեսնում։ Վիրաբուժական բաժանմունքում կարմիր քամի հիվանդությունն անպակաս էր։ Ամբողջ հիվանդանոցն ուներ գանգամաշկման միայն երկու դանակ և ոչ մի ջերմաչափ, վաննաներում կարտոֆիլ էին պահում։ Վերակացուն, հանդերձապահուհին և բուժակը հիվանդներին կողոպտում էին, իսկ հին բժշկի՝ Անդրեյ Եֆիմիչի նախորդի մասին պատմում էին, իբր թե նա զբաղվել է հիվանդանոցի սպիրտի գաղտնի վաճառքով և հիվանդապահուհիներից ու հիվանդ կանանցից իր համար ստեղծած է եղել մի ամբողջ հարեմ։ Քաղաքում շատ լավ գիտեին այդ անկարգությունների մասին և նույնիսկ չափազանցնում էին դրանք, բայց այդ ամենին հանգիստ էին վերաբերվում. ոմանք դրանք արդարացնում էին նրանով, որ հիվանդանոցում պառկում են միայն քաղքենիները և գեղջուկները, որոնք չեն կարող դժգոհ լինել, որովհետև իրենց տանը շատ ավելի վատ են ապրում, քան հիվանդանոցում. հո սալամբի մսով չե՜ն կերակրելու դրանց։ Մյուսներն էլ, արդարացնելու համար, ասում էին, որ առանց զեմստվոյի օգնության, միայն քաղաքի միջոցներով, լավ հիվանդանոց պահելն ուժից վեր բան է։ Փա՜ռք աստծո, որ գոնե վատը կա։ Իսկ երիտասարդ զեմստվոն ոչ քաղաքում, ոչ էլ մոտակայքում հիվանդանոց բաց չէր անում՝ հիմնվելով այն բանի վրա, որ քաղաքը արդեն իր հիվանդանոցն ունի։
Ստուգելով հիվանդանոցը՝ Անդրեյ Եֆիմիչը եկավ այն եզրակացության, որ դա անբարոյական և բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է։ Նրա կարծիքով ամենախելոք բանը, որ կարելի էր անել, այս էր՝ հիվանդներին ազատ արձակել, իսկ հիվանդանոցը փակել։ Բայց նա մտածեց, որ այդ բանն անելու համար միայն իր կամեցողությունը բավական չի և որ այդ անօգուտ կլինի. եթե ֆիզիկական և բարոյական անմաքրությունը մի տեղից քշես, այն մեկ ուրիշ տեղ կփոխադրվի. պետք է սպասել, մինչև որ դա ինքն իրեն հողմահարվի։ Մանավանդ որ, եթե մարդիկ հիվանդանոց են բացել և այն հանդուրժում են իրենց քաղաքում, նշանակում է դա նրանց հարկավոր է. նախապաշարմունքները և այդ բոլոր զազրելի ու նողկալի առօրյա բաները հարկավոր են, որովհետև դրանք ժամանակի ընթացքում վերածվում են մի որևէ պետքական բանի, ինչպես գոմաղբը՝ սևահողի։ Աշխարհում չկա ոչ մի այնպիսի լավ բան, որ իր սկզբնաղբյուրում աղտ չունենա։
Պաշտոնն ստանձնելով՝ Անդրեյ Եֆիմիչն ըստ երևույթին բավական անտարբեր վերաբերվեց անկարգություններին. նա միայն հիվանդանոցի սևագործ գեղջուկներին ու հիվանդապահուհիներին խնդրեց, որ հիվանդասենյակներում չգիշերեն, և հիվանդանոցում դրեց գործիքների երկու պահարան. իսկ վերակացուն, հանդերձապահուհին, բուժակը և վիրաբուժական բաժանմունքի կարմիր քամին մնացին իրենց տեղերում։
Անդրեյ Եֆիմիչը խելացիություն և ազնվություն անչափ շատ է սիրում, բայց իր շուրջը խելացի ու ազնիվ կյանք հաստատելու համար նրան պակասում է կամքի ուժ և հավատ՝ որ ինքն իրավունք ունի։ Հրամայել, արգելել և իր ասածը պնդել նա ուղղակի չի կարողանում։ Կարծես թե նա ուխտել է ձայնը երբեք չբարձրացնել և բայի հրամայական եղանակ չգործածել։ «Տո՛ւր» կամ «բե՛ր» ասելը նրա համար դժվար է. երբ նա քաղցած է լինում, անհամարձակ հազում է և ասում խոհարարուհուն. «Չէ՞ր կարելի ինձ մի թեյ էնիք անել...» կա մ՝ «Չէ՞ր կարելի ինձ ճաշ էնիք անել»։ Իսկ ասել վերակացուին, որ այլևս գողություն չանի կամ վռնդել նրան, կամ բոլորովին վերացնել այդ պետք չեկող, պարազիտային պաշտոնը՝ կատարելապես վեր է նրա ուժերից։ Երբ Անդրեյ Եֆիմիչին խաբում են կամ շողոքորթում, կամ հայտնապես կեղծ հաշիվ են բերում ստորագրելու, նա խեցգետնի պես կարմրում է և իրեն մեղավոր զգում, բայց հաշիվն, այնուամենայնիվ, ստորագրում է. երբ հիվանդները գանգատվում են նրան, որ իրենք քաղցած են մնում կամ որ հիվանդապահուհիներն իրենց հետ կոպիտ են վարվում, նա շփոթվում է և մեղավորի պես մռթմռթում.
— Լա՛վ, լա՛վ, ես հետո կքննեմ... Հավանորեն այստեղ մի թյուրիմացություն կա...
Սկզբի շրջանում Անդրեյ եֆիմիչը մեծ եռանդով էր աշխատում։ Նա ամեն օր առավոտից մինչև ճաշ ընդունելություն էր անում, վիրահատություններ էր կատարում և նույնիսկ զբաղվում էր մանկաբարձական պրակտիկայով։ Կանայք նրա մասին ասում էին, որ նա ուշադիր է և հիանալի է գուշակում հիվանդությունները, հատկապես երեխաների և կանացի հիվանդությունները։ Բայց գործն իր միօրինակությամբ և ակնհայտ ապարդյունությամբ ժամանակի ընթացքում նկատելիորեն ձանձրացրեց նրան։ Այսօր երեսուն հիվանդ ես ընդունում, վաղը տեսնում ես՝ երեսունհինգն եկավ, մյուս օրը՝ քառասունը, և այդպես օրը֊օրին, տարին տարու վրա, իսկ մահացությունը քաղաքում չի պակասում, և հիվանդները չեն դադարում գալ։ Առավոտից մինչև ճաշ եկած քառասուն հիվանդին լուրջ օգնություն ցույց տալ ֆիզիկապես հնարավոր չէ, նշանակում է, ակամայից լոկ խաբեություն է դուրս գալիս։ Հաշվետու տարում ընդունվել է 12.000 երթևեկ հիվանդ. նշանակում է, պարզ դատելով, խաբվել է 12.000 մարդ։ Իսկ լուրջ հիվանդներին հիվանդասենյակները դնել և նրանցով զբաղվել գիտության կանոնների համաձայն՝ նույնպես չի կարելի, որովհետև կանոնները կան, իսկ գիտություն չկա։ Իսկ փիլիսոփայութունը թողնելու և մյուս բժիշկների պես պեդանտորեն կանոններին հետևելու համար նախ և առաջ հարկավոր են մաքրություն և օդափոխություն և ոչ թե կեղտոտություն, հարկավոր են առողջարար սնունդ և ոչ թե հոտած, թթու կաղամբի շչի, լավ օգնականներ՝ և ոչ թե գողեր։
Եվ հետո՝ ի՞նչ միտք ունի խանգարել մարդկանց մեռնելու, երբ մահը յուրաքանչյուրի նորմալ ու օրինական վախճանն է։ Ինչ օգուտ նրանից, որ ինչ֊որ չարչու կամ չինովնիկի մեկը մի հինգ, տասը տարի ավելի ապրի։ Իսկ եթե բժշկագիտության նպատակը համարենք այն, որ դեղերը մեղմացնում են տանջանքները, ապա ակամայից հարց առաջ կգա՝ ինչո՞ւ դրանք մեղմացնել։ Նախ, ասում են, որ տանջանքները մարդուն տանում են դեպի կատարելության և, երկրորդ, եթե մարդկությունը իսկապես վարժվի դեղահաբերով ու կաթիլներով մեղմացնել իր տանջանքները, ապա նա բոլորովին մոռացության կմատնի կրոնն ու փիլիսոփայաթյունը, որոնցում մինչև այժմ գտնում էր ոչ միայն պաշտպանություն ամեն տեսակ դժբախտություններից, այլև նույնիսկ երջանկություն։ Պուշկինն իր մահից առաջ սոսկալի տանջանքներ է կրել, խեղճ Հայնեն անդամալույծ պառկած է եղել մի քանի տարի. էլ ինչո՞ւ չհիվանդանան ինչ֊որ Անդրեյ Եֆիմիչ կամ Մատրյոնա Սավիշնա, որոնց կյանքն անբովանդակ է և բոլորովին դատարկ կլիներ ու նման ամեոբայի կյանքի, եթե տանջանքները չլինեին։
Այսպիսի խորհրդածություններից ճնշված՝ Անդրեյ Եֆիմիչը վհատվեց և սկսեց հիվանդանոց այցելել ոչ ամեն օր։
VI
Նրա կյանքն անցնում է այսպես։ Սովորաբար առավոտյան նա վեր է կենում ժամը մոտավորապես ութին, հագնվում է և թեյ խմում։ Հետո նստում է իր առանձնասենյակում կարդալու կամ գնում է հիվանդանոց։ Այնտեղ, հիվանդանոցում, նրա նեղ, մութ միջանցքում նստած են ընդունելության սպասող երթևեկ հիվանդները։ Նրանց մոտով, սապոգները աղյուսապատ հատակին թխկթխկացնելով՝ վազվզում են գեղջուկ ծառաներն ու հիվանդապահուհիները, անցնում են խալաթավոր վտիտ հիվանդները, տանում են մեռածներին և աղտոտությունների ամանները, լալիս են երեխաները, փչում է միջանցիկ քամին։ Անդրեյ Եֆիմիչը գիտե, որ ջերմողների, թոքախտավորների և առհասարակ դյուրազգաց հիվանդների համար այդպիսի պայմանները տանջող են, բայց ի՞նչ կարող է անել։ Ընդունարանում նրան դիմավորում է բուժակ Սերգեյ Սերգեյիչը՝ սափրված, մաքուր լվացված, լիքը երեսով, նուրբ, սահուն շարժուձևերով և նոր, լայն կոստյումը հագին մի փոքրամարմին, հաստլիկ մարդ, որ ավելի սենատորի է նման, քան բուժակի։ Քաղաքում նա հսկայական պրակտիկա ունի, սպիտակ փողկապ է կրում և իրեն ավելի գիտակ է համարում, քան բժշկին, որը բոլորովին պրակտիկա չունի։ Ընդունարանի անկյունում դրված է մի մեծ սրբապատկեր ծանր կանթեղով, իսկ նրա կողքին՝ սպիտակ պատյանով մի պատկերակալ։ Պատերին կախված են եպիսկոպոսների պատկերներ, Սվյատոգորսկի վանքի տեսարանը և չոր, կապույտ տերեփուկներից հյուսած պսակներ։ Սերգեյ Սերգեյիչը կրոնասեր է և սիրում է բարեզարդություն։ Սրբապատկերը նրա ծախսով է դրված. կիրակի օրերը հիվանդներից որևէ մեկը նրա հրամանով ընդունարանում բարձրաձայն ակաթիստ է կարդում, իսկ ընթերցումից հետո Սերգեյ Սերգեյիչն ինքը բուրվառը ձեռքին շրջում է բոլոր հիվանդասենյակները և խունկ ծխում այնտեղ։
Հիվանդները շատ են, իսկ ժամանակը՝ քիչ, ուստի և սահմանափակվում են նրանով, որ միմիայն կարճ հարցուփորձ են անում և տալիս են որևէ դեղ, օրինակ՝ ցնդող քսելիք կամ լուծողական։ Անդրեյ Եֆիմիչը մտածմունքի մեջ ընկած՝ նստած է այտը բռունցքին հենած և մեքենաբար հարցեր էր տալիս։ Սերգեյ Սերգեյիչը նույնպես նստած է, շփում է իր ձեռքերը և երբեմն֊երբեմն միջամտում։
— Հիվանդանում ենք ու կարոտություն ենք քաշում այն պատճառով,— ասում է նա,— որ ողորմած աստծուն վատ ենք աղոթում։ Այո՛։
Ընդունելության ժամանակ Անդրեյ Եֆիմիչը ոչ մի վիրահատություն չի կատարում. նա վաղուց է թողել այդ սովորությունը, և արյան տեսքը տհաճ հուզմունք է պատճառում նրան։ Երբ նա առիթ է ունենում երեխայի բերանը բանալու, որպեսզի նրա կոկորդի ներսը նայի, իսկ երեխան ճչում է ու թաթիկներով պաշտպանվում, աղմուկից Անդրեյ Եֆիմիչի ականջները խշշում են, գլուխը պտտվում է, և աչքերն արցունքակալվում են։ Նա շտապում է դեղ գրել և ձեռքերով նշան է անում, որպեսզի երեխային բերած կինը շուտով նրան տանի։
Ընդունելության ժամանակ նրան շուտով ձանձրացնում են հիվանդների երկչոտությունն ու անհասկացողությունը, Սերգեյ Սերգեյիչի վայելուչ տեսքը, պատերին կախած պատկերները և իր սեփական հարցերը, որ արդեն քսան տարուց ավելի է, ինչ նա անփոփոխ կերպով տալիս է հիվանդներին։ Եվ մի հինգ֊վեց հիվանդ ընդունելով՝ նա թողնում գնում է։ Մյուսներին առանց նրա ներկայության ընդունում է բուժակը։
Գոհ այն հաճելի մտքից, որ, փառք աստծու, մասնավոր պրակտիկա ինքը վաղուց է արդեն ինչ չունի և որ իրեն ոչ ոք չի խանգարի, Անդրեյ Եֆիմիչը տուն գալով, անհապաղ նստում է սեղանի մոտ իր առանձնասենյակում և սկսում է կարդալ։ Նա խիստ շատ է կարդում և միշտ մեծ բավականությամբ։ Նրա ռոճիկի կեսը գնում է գրքեր գնելու վրա, և նրա բնակարանի վեց սենյակներից երեքը խառնիխուռն լցված են գրքերով ու հին ամսագրերով։ Ամենից շատ նա սիրում է պատմության և փիլիսոփայության բնագավառին պատկանող երկեր, իսկ բժշկագիտության բնագավառից ստանում է միայն «Врачъ»-ը որն սկսում է կարդալ միշտ վերջից։ Ընթերցանությունն ամեն անգամ տևում է առանց ընդմիջման մի քանի ժամ և նրան չի հոգնեցնում։ Կարդում է նա ոչ այնպես արագ ու բուռն թափով, ինչպես մի ժամանակ Իվան Դմիտրիչն էր կարդում, այլ դանդաղ, ներթափանցումով, հաճախ կանգ առնելով այն տեղերի վրա, որոնք նրան դուր են գալիս կամ անհասկանալի են լինում։ Գրքի մոտ միշտ դրված է օղու գրաֆինը և աղ դրած վարունգ կամ թրջոց դրած խնձոր՝ ուղղակի մահուդի վրա, առանց ափսեի։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ անգամ, առանց աչքերը գրքից կտրելու, նա իր համար մի բաժակ օղի է լցնում ու խմում, հետո, առանց նայելու, շոշափում, վերցնում է վարունգը և մի կտոր կծում։
Ժամը երեքին նա զգուշաբար մոտենում է խոհանոցի դռանը, հազում է և ասում.
— Դա՛րյուշկա, չէ՞ր կարելի ինձ ճաշ էնիք անել...
Ճաշից հետո, որը բավական վատ ու ոչ այնքան մաքուր է լինում, Անդրեյ Եֆիմիչը՝ ձեռքերը կրծքին ծալած, շրջում է իր սենյակներում և խորհում։ Խփում է ժամը չորսը, հետո՝ հինգը, իսկ նա անվերջ շրջում է ու խորհում։ Երբեմն֊երբեմն ճռռում է խոհանոցի դուռը, և այնտեղից երևում է Դարյուշկայի կարմիր, քնաթաթախ դեմքը։
— Անդրեյ Եֆի՛միչ, ձեր գարեջուր խմելու ժամանակը չի՞,— հարցնում է նա մտահոգված։
— Ո՛չ դեռ ժամանակը չէ...— պատասխանում է Անդրեյ Եֆիմիչը։— Ես կսպասեմ... կսպասեմ...
Երեկոյան դեմ սովորաբար գալիս է փոստի պետը՝ Միխայիլ Ավերյանիչը, միակ մարդն ամբողջ քաղաքում, որի հետ լինելը Անդրեյ Եֆիմիչի համար տհաճ չէ։ Միխայիլ Ավերյանիչը ժամանակով եղել է շատ հարուստ կալվածատեր և ծառայել է հեծելազորում, բայց սնանկացել է և կարիքից ստիպված, ծերությունը մոտենալով, փոստային վարչություն է մտել։ Նա ունի առույգ, առողջ տեսք, ալեհեր, ճոխ այտամորուք, բարեկիրթ ձևեր և հաճելի բարձր ձայն։ Նա բարի է և զգայուն, բայց դյուրաբորբոք է։ Երբ փոստում հաճախորդներից մեկնումեկը բողոքում է, չի համաձայնում կամ պարզապես սկսում է դատողություն անել, Միխայիլ Ավերյանիչը շառագունում, ամբողջ մարմնով ցնցվում է և որոտաձայն գոռում. «Լռե՜լ». այնպես որ փոստի բաժանմունքի վերաբերմամբ վաղուց է հաստատվել այնպիսի մի հիմնարկության համբավ, որտեղ լինելը սարսափելի է։ Միխայիլ Ավերյանիչը Անդրեյ Եֆիմիչին հարգում և սիրում է նրա կրթվածության ու հոգու ազնվության համար, իսկ մնացած քաղքենիներին բարձրից է նայում, որպես իր ստորադրյալների։
— Ահավասի՜կ և ես,— ասում է նա՝ Անդրեյ Եֆիմիչի սենյակը մտնելով։— Բարև՛, թանկագինս։ Ով գիտե՝ ես արդեն ձանձրացրել եմ ձեզ, հա՞։
— Ընդհակառակը, շատ ուրախ եմ,— պատասխանում է նրան բժիշկը։— Ես միշտ ուրախ եմ ձեր գալուն։
Բարեկամները նստում են առանձնասենյակի բազմոցի վրա և մի որոշ ժամանակ լուռ ծխում։
— Դա՛րյուշկա, չէ՞ր կարելի մեզ համար մի գարեջուր էնիք անել,— ասում է Անդրեյ Եֆիմիչը։
Առաջին շիշը նույնպես խմում են լուռ, բժիշկը՝ մտածմունքի մեջ ընկած, իսկ Միխայիլ Ավերյանիչր՝ ուրախ, աշխույժ տեսքով, որպես մի մարդ, որն ինչ֊որ շատ հետաքրքրական բան ունի պատմելու։ Խոսակցությունը միշտ բժիշկն է սկսում։
— Որքա՜ն ցավալի է,— ասում է նա դանդաղ և կամաց՝ գլուխն օրորելով և զրուցակցի աչքերին չնայելով (նա երբեք մարդկանց աչքերին չի նայում),— խորապես ցավալի է, հարգելի Միխայիլ Ավերյանիչ, որ մեր քաղաքում բոլորովին չկան այնպիսի մարդիկ, որոնք կարողանային և սիրեին խելացի ու հետաքրքրական զրույց անել։ Դա հսկայական զրկանք է մեզ համար։ Մինչև անգամ ինտելիգենցիան տափակությունից վեր չի բարձրանում. նրա զարգացման մակարդակը, հավատացնո՛ւմ եմ ձեզ, բնավ էլ բարձր չէ ստորին դասի զարգացման մակարդակից։
— Միանգամայն ճի՛շտ է։ Համաձայն եմ։ — Ձեր հրամանոցն էլ հայտնի է,— շարունակում է բժիշկը կամացուկ և դադար առնելով,— որ այս աշխարհում ամեն ինչ աննշան է և անհետաքրքրական, բացի մարդկային խելքի հոգևոր բարձր արտահայտություններից։ Խելքը շեշտակի սահման է դնում կենդանու և մարդու միջև, ակնարկում է վերջինիս աստվածայնությունը և որոշ չափով էլ նրա համար նույնիսկ փոխարինում է անմահությանը, որը գոյություն չունի։ Սրանից ելնելով՝ խելքը հաճույքի միակ հնարավոր աղբյուրն է։ Իսկ մենք մեր շուրջը խելք չենք տեսնում ու չենք լսում. ուրեմն զուրկ ենք հաճույքից։ Ճիշտ է, մենք գրքեր ունենք, բայց այդ բոլորովին էլ այն չէ, ինչ կենդանի զրույցն ու հաղորդակցությունը։ Եթե թույլ կտաք ոչ բոլորովին հաջող համեմատություն անել, ապա ես կասեմ, որ գրքերը նոտաներ են, իսկ զրույցը՝ երգեցողություն։
— Միանգամա՜յն ճիշտ է։
Լռություն է տիրում։ Խոհանոցից դուրս է գալիս Դարյուշկան և, բութ թախծի արտահայտությունը դեմքին, երեսը փոքրիկ բռունցքին հենած, կանգ է առնում դռան շեմքին՝ նրանց լսելու։
— Է՜հ,— հառաչում է Միխայիլ Ավերյանիչը։— Այժմյան մարդկանցից խե՞լք եք պահանջում։
Եվ նա պատմում է, թե ինչպես առաջ լավ, ուրախ ու հետաքրքիր էին ապրում, ի՜նչ խելոք ինտելիգենցիա կար Ռուսաստանում և ինչպես նա բարձր էր դասում պատվի ու բարեկամության հասկացողությունները։ Փողը պարտք էին տալիս առանց պարտամուրհակի, և կարոտության մեջ գտնվող ընկերոջն օգնության ձեռք չմեկնելն ամոթ էր համարվում։ Իսկ ի՜նչ արշավներ կային, արկածներ, ընդհարումներ, ի՜նչ ընկերներ, ինչպիսի՜ կանայք։ Իսկ Կովկասը. ի՜նչ հիասքանչ երկիր է։ Իսկ մի գումարտակի հրամանատարի կին էլ տարօրինակ կին էր, սպայի հագուստ էր հագնում և երեկոները ձիով լեռներն էր գնում՝ մենակ, առանց ուղեցույցի։ Ասում են, որ աուլներում նա ռոման ուներ ինչ֊որ իշխանիկի հետ։
— Երկնայի՜ն թագուհի, մա՜յր աստվածածին...— հոգոց է հանում Դարյուշկան։
— Իսկ ինչպե՜ս էին խմում։ Ինչպե՜ս էին ուտում։ Իսկ ի՜նչ թունդ լիբերալներ կային։
Անդրեյ Եֆիմիչը ականջ է դնում ու չի լսում. նա ինլ֊ոը բան է մտածում և խմում է մի կում գարեջուր։
— Երազումս ես հաճախ եմ տեսնում խելոք մարդիկ և զրուցում նրանց հետ,— ասում է նա անսպասելի կերպով, Միխայիլ Ավերյանիչին ընդհատելով։— Հայրս ինձ հիանալի կրթություն է տվել, բայց վաթսունական թվականների գաղափարների ազդեցության տակ ինձ հարկադրել է բժիշկ դառնալ։ Ինձ թվում է, որ եթե ես նրան այն ժամանակ չլսեի, հիմա մտավոր շարժման բուն կենտրոնում կգտնվեի։ Հավանորեն մի որևիցե ֆակուլտետի անդամ կլինեի։ Իհարկե, խելքը ևս հավիտենական չէ ու անցողիկ է, բայց դուք արդեն գիտեք, թե ես ինչու եմ նրա կողմը հակված։ Կյանքը մի տհաճ թակարդ է։ Երբ խորհող մարդը չափահաս է դառնում և կատարյալ գիտակցության գալիս, ակամա իրեն զգում է ասես մի թակարդի մեջ, որից ելք չկա։ Եվ իրոք. իր կամքին հակառակ՝ ինչ֊որ պատահականություններ են չգոյությունից նրան կյանքի կոչել... Ինչո՞ւ։ Նա ցանկանում է իմանալ իր գոյության իմաստն ու նպատակը, նրան այդ չեն ասում կամ թե անհեթեթություններ են ասում. նա բախում է, նրա առաջ դուռ չեն բացում. գալիս է նրա մահը, նույնպես նրա կամքին հակառակ։ Եվ ահա, ինչպես որ բանտում ընդհանուր դժբախտությամբ միմյանց հետ կապված մարդիկ իրենց ավելի լավ են զգում, երբ հավաքվում են իրար մոտ, այդպես էլ կյանքում թակարդը չի նկատվում, երբ վերլուծության ու ընդհանրացումների հակում ունեցող մարդիկ հավաքվում են իրար մոտ և ժամանակն անց են կացնում վեհ, ազատամիտ գաղափարների շուրջ մտքեր փոխանակելով։ Այս իմաստով խելքն անփոխարինելի բավականություն է։
— Միանգամա՜յն ճիշտ է։
Զրուցակցի աչքերին չնայելով, կամաց ու դադարներով Անդրեյ Եֆիմիչը շարունակում է խոսել խելոք մարդկանց և նրանց հետ զրույց անելու մասին, իսկ Միխայիլ Ավերյանիչն ուշադիր լսում է նրան և համաձայնում նրա հետ. «Միանգամա՜յն ճիշտ է»։
— Իսկ դուք հոգու անմահությանը չե՞ք հավատում,— հանկարծ հարցնում է փոստի պետը։
— Ո՛չ, հարգելի Միխայիլ Ավերյանիչ, չե՛մ հավատում և հավատալու հիմք չունեմ։
— Ճշմարիտն ասած՝ ես էլ եմ կասկածում։ Թեպետ, ի դեպ, ես այնպիսի զգացում ունեմ, կարծես թե երբեք չեմ մեռնելու։ Ո՜հ, մտածում եմ ինքս ինձ՝ քավթառ ծերուկ, ժամանակն է, որ մեռնես։ Իսկ սրտումս ինչ֊որ ձայնիկ ասում է՝ մի՛ հավատա, չես մեռնի...
Ժամը ինն անց Միխայիլ Ավերյանիչը գնում է։ Նախասենյակում մուշտակը հագնելիս՝ նա հառաչելով ասում է.
— Բայց բախտն այս ի՜նչ խուլ անկյուն է գցել մեզ։ Եվ ամենից ցավալին այն է, որ հենց այստեղ էլ վիճակվելու է մեռնել։ Է՜խ...
VII
Բարեկամին ճանապարհ դնելուց հետո Անդրեյ Եֆիմիչը նստում է սեղանի մոտ և նորից սկսում է կարդալ։ Ոչ մի ձայն չի խանգարում երեկոյի և ապա գիշերվա խաղաղությունը, և ժամանակը կարծես թե կանգ է առնում ու գրքին խոնարհված բժշկի հետ միասին անշարժանում, և թվում է, ոչինչ գոյություն չունի, բացի այդ գրքից ու կանաչ լուսամփոփով լամպից։ Բժշկի կոպիտ, գեղջկական դեմքը կամաց֊կամաց լուսավորվում է խանդաղատանքի ու հրճվանքի ժպիտով, որ պատճառում է նրան մարդկային խելքի շարժմունքը։ Օ՜, ինչո՞ւ մարդն անմահ չէ, մտածում է նա։ Ինչի՞ համար են ուղեղի կենտրոններն ու ծալքերը, ինչի՞ համար են տեսողությունը, լեզուն, ինքնազգացումը, հանճարը, եթե այդ բոլորին վիճակված է հոդն անցնելու և, վերջիվերջո, երկրագնդի կեղևի հետ մեկտեղ սառչելու և ապա միլիոնավոր տարիներ երկրագնդի հետ միասին անիմաստ ու աննպատակ պտտվելու արեգակի շուրջը։ Սառչելու և ապա պտտվելու համար բոլորովին էլ կարիք չկա չգոյությունից դուրս բերել մարդուն՝ նրա վեհ, համարյա աստվածային խելքով ու հետո, ասես ծաղրելով, հող դարձնել նրան։
Նյութերի փոխանակությո՜ւն։ Բայց ի՜նչ վախկոտություն է անմահության այդ սուռոգատով իրեն մխիթարելը։ Բնության մեջ տեղի ունեցող անգիտակից պրոցեսները ցածր են մինչև իսկ մարդկային հիմարությունից, որովհետև հիմարության մեջ, այնուամենայնիվ, կա գիտակցություն և կամք, իսկ պրոցեսների մեջ բացարձակապես ոչինչ չկա։ Միայն երկչոտը, որի մեջ մահվան երկյուղ ավելի շատ կա, քան արժանապատվություն, կարող է մխիթարել իրեն նրանով, որ իր մարմինը ժամանակով ապրելու է խստի, քարի, դոդոշի մեջ... Իր անմահությունը նյութերի փոխանակության մեջ տեսնելը նույնքան տարօրինակ է, որքան պատյանին փայլուն ապագա գուշակելն այն բանից հետո, երբ թանկագին ջութակը ջարդվել է և անպետքացել։
Երբ ժամացույցը խփում է, Անդրեյ եֆիմիչը ետ է ընկնում բազկաթոռի թիկունքին ու փակում աչքերը, որպեսզի մի քիչ մտածի։ Եվ պատահականորեն, գրքում կարդացած լավ մտքերի ազդեցության տակ, նա մի հայացք է նետում դեպի իր անցյալը և ներկան։ Անցյալը զզվելի է, ավելի լավ է այն չհիշել։ Իսկ ներկան նույնն է, ինչ և անցյալը։ Նա գիտե, որ այն պահին, երբ իր մտքերը սառած երկրագնդի հետ միասին պտտվում են արեգակի շուրջը, իր բժշկական բնակարանի կողքին, մեծ տան մեջ մարդիկ տառապում են հիվանդություններից ու կեղտոտության մեջ. միգուցե մեկնումեկն անքուն է և կռվում է միջատների դեմ, մեկնումեկը վարակվում է կարմիր քամիով կամ տնքում է խիստ ամուր կապած վիրակապից. գուցե հիվանդները հիվանդապահուհիների հետ թուղթ են խաղում և օղի խմում։ Հաշվետու տարում խաբել են տասներկու հազար մարդու, ամբողջ հիվանդանոցային գործը, ինչպես և քսան տարի առաջ, կառուցված է գողության, բանսարկությունների, բամբասանքների, խնամության, կոպիտ շառլատանության վրա, և հիվանդանոցն առաջվա նման անբարոյական և բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է։ Նա գիտե, որ համար 6 հիվանդասենյակում ճաղերի հետևում Նիկիտան ծեծում է հիվանդներին, և որ Մոիսեյկան ամեն օր շրջում է քաղաքում ու ողորմություն հավաքում։
Մյուս կողմից էլ նրան հիանալի հայտնի է, որ վերջին քսանհինգ տարվա ընթացքում բժշկական գիտությունը հեքիաթային փոփոխություն է կրել։ Երբ նա համալսարանում սովորում էր, նրան թվում էր, թե բժշկագիտությունը շուտով ընկնելու է այն վիճակի մեջ, ինչ և ալքիմիան ու մետաֆիզիկան, իսկ հիմա, երբ նա գիշերները կարդում է, բժշկագիտությունը նրան հուզում է և նրա մեջ առաջացնում զարմանք ու մինչև իսկ հրճվանք։ Իրոք որ, ի՜նչ անսպասելի փայլ, ի՜նչ հեղափոխություն։ Անտիսեպտիկայի շնորհիվ այնպիսի վիրահատություններ են անում, որոնք մեծ Պիրոգովն անհնարին էր համարում մինչև անգամ in spe[1]։ Սովորական զեմստվոյական բժիշկները սիրտ են անում կատարելու ծնկի հոդի ռեզեկցիա, հարյուր որովայնահերձությունը տալիս է մի մահվան դեպք, իսկ քարագոյացման հիվանդությունն այնպիսի դատարկ բան է համարվում, որ դրա մասին մինչև իսկ չեն գրում։ Արմատապես բժշկվում է սիֆիլիսը։ Հապա ժառանգականության թեորիա՞ն, հիպնոտի՞զմը, Պաստյորի և Կոխի գյուտե՞րը, առողջաբանությունն ու վիճակագրությո՞ւնը, հապա մեր ռուսական զեմստվային բժշկագիտությո՞ւնը։ Իսկ հոգեբուժությունը,— հիվանդությունների իր այժմյան դասակարգությամբ, նրանց որոշման ու բուժման մեթոդներով,— առաջներում եղածի հետ համեմատած՝ այդ մի ամբողջ էլբրուս է։ Հիմա խելագարների գլխին սառը ջուր չեն լցնում և նրանց տենդաշապիկ չեն հագցնում. նրանց մարդավայել են պահում և մինչև իսկ, ինչպես լրագրերում են գրում, նրանց համար ներկայացումներ ու պարահանդեսներ են կազմակերպում։ Անդրեյ Եֆիմիչը գիտե, որ ներկայիս հայացքների և ճաշակի առկայությամբ այնպիսի մի գարշելի բան, ինչպիսին համար 6 հիվանդասենյակն է, հնարավոր է թերևս միայն երկաթուղուց երկու հարյուր վերստ հեռավորության վրա, մի փոքրիկ քաղաքում, որտեղ քաղաքագլուխը և բոլոր ձայնավորները կիսագրագետ քաղքենիներ են, որոնք հանձին բժշկի տեսնում են մի քուրմի, որին պետք է հավատալ առանց որևէ քննադատության, թեկուզ նա հալած անագ լցնի բերանդ. իսկ մի ուրիշ տեղ հասարակությունը և լրագրերը այդ փոքրիկ Բաստիլիայի փոշին արդեն վաղուց քամուն տված կլինեին։
«Սակայն ի՞նչ օգուտ,— հարց է տալիս Անդրեյ Եֆիմիչն ինքն իրեն՝ աչքերը բանալով։— Դրանից ի՞նչ օգուտ։ Ե՛վ վարակի կանխում կա, և՛ Կոխ, և՛ Պաստյոր, բայց բանի էությունը բնավ չի փոխվել։ Հիվանդացումներն ու մահացությունը նույնն են մնացել։ Խելագարների համար պարահանդեսներ և ներկայացումներ են կազմակերպում, սակայն, այդուհանդերձ, նրանց ազատ չեն արձակում։ Նշանակում է, բոլորը դատարկ բան է և ունայնություն. և ոչ մի զանազանություն Վիեննայի լավագույն կլինիկայի և իմ հիվանդանոցի միջև, իսկապես ասած, չկա»։
Բայց թախիծը և նախանձի նման ինչ֊որ զգացում խանգարում են նրան անտարբեր լինելու։ Դե, երևի, հոգնածությունից է։ Ծանրացած գլուխն իջնում է գրքի վրա, նա ձեռքերին է դնում երեսը, որպեսզի փափուկ լինի, և մտածում է.
«Ես վնասակար գործի եմ ծառայում և ռոճիկ ստանում եմ այն մարդկանցից, ում խաբում եմ. ես ազնիվ մարդ չեմ։ Բայց չէ որ ինքնին վերցրած ես ոչնչություն եմ, ես անհրաժեշտ սոցիալական չարիքի մի մասնիկն եմ միայն. բոլոր գավառական չինովնիկները վնասակար են և անտեղի ռոճիկ են ստանում... Նշանակում է՝ իմ անազնվության համար մեղավոր եմ ոչ թե ես, այլ ժամանակը... Եթե ես մի երկու հարյուր տարի ուշ ծնվեի, ուրիշ մարդ կլինեի»։
Երբ խփում է ժամը երեքը, նա հանգցնում է լամպն ու գնում է ննջարան։ Նրա քունը չի տանում։
- ↑ Ապագայում (լատ.)
VIII
Սրանից մի երկու տարի առաջ զեմստվոյի առատաձեռնությունը բռնեց և նա որոշում կայացրեց մինչև զեմստվային հիվանդանոց բաց անելը քաղաքային հիվանդանոցի բուժական անձնակազմն ուժեղացնելու համար տարեկան երեք հարյուր ռուբլի նպաստ տալ, և Անդրեյ Եֆիմիչին օգնելու համար քաղաք հրավիրեց գավառական բժիշկ Եվգենի Ֆյոդորիչ Խոբոտովին։ Դա դեռևս շատ երիտասարդ մի մարդ է, երեսուն տարեկան էլ չկա. լայն այտոսկրերով ու փոքրիկ աչքերով, բարձրահասակ, թուխ մարդ է. հավանորեն նրա նախնիները այլազգի են եղել։ Քաղաք եկավ նա առանց գրպանում մի գրոշ ունենալու, հետը բերելով մի փոքրիկ ճամպրուկ և մի երիտասարդ տգեղ կին, որին նա անվանում էր իր խոհարարուհին։ Այդ կինը ծծկեր երեխա ունի։ Եվգենի Ֆյոդորիչը դնում է հովհարավոր գլխարկ, հագնում է սապոգներ, իսկ ձմռանը՝ կիսամուշտակ։ Նա մտերմացել է բուժակ Սերգեյ Սերգեյիչի և գանձապետի հետ, իսկ մնացած չինովնիկներին, չգիտես ինչու, անվանում է արիստոկրատներ և նրանցից հեռու է մնում։ Նրա ամբողջ բնակարանում միայն մեկ գիրք կա՝ «Վիեննայի կլինիկայի 1881 թվականի նորագույն դեղատոմսերը»։ Հիվանդի մոտ գնալիս նա իր հետ միշտ վերցնում է և այդ գրքույկը։ Երեկոները նա ակումբում բիլիարդ է խաղում, իսկ թղթախաղ չի սիրում։ Խոսելիս մեծ սիրահար է գործածելու այնպիսի բառեր, ինչպես՝ կանիտել, քացախով մանտիֆոլիա, բավական է բանը մթագնես և այլն։
Հիվանդանոցում նա լինում է շաբաթը երկու անգամ, այցելում է հիվանդասենյակներում պառկած հիվանդներին և կատարում է երթևեկ հիվանդների ընդունելություն։ Վարակումը կանխող միջոցների լիակատար բացակայությունը և արնածծիչ բանկաները նրան զայրացնում են, բայց Անդրեյ Եֆիմիչին վիրավորելուց վախենալով՝ նա նոր կարգեր չի մտցնում։ Իր պաշտոնակից Անդրեյ Եֆիմիչին նա հին խարդախ է համարում, կասկածում է, որ նա մեծ միջոցներ ունի և գաղտնի նախանձում է նրան։ Նա սիրով կգրավեր Անդրեյ Եֆիմիչի տեղը։
IX
Գարնան մի երեկո, մարտի վերջերին, երբ գետնի երեսին այլևս ձյուն չկար, և հիվանդանոցի այգում սարյակներ էին երգում, բժիշկը դուրս եկավ իր բարեկամ փոստապետին մինչև դարպասը ճանապարհ դնելու։ Հենց այղ պահին բակ էր մտնում ավարից վերադարձող ջհուդ Մոիսեյկան։ Նրա գլխին գդակ չկար, բոբիկ ոտքերին հագել էր սաղր կրկնակոշիկներ և ձեռքին բռնած ուներ մի փոքրիկ քսակ՝ ողորմություն ստացած դրամով։
— Մի կոպեկ տա՜ս,— դիմեց նա բժշկին, ցրտից դողալով ու ժպտալով։
Անդրեյ Եֆիմիչը, որ երբեք չէր կարողանում մերժել, նրան ողորմություն տվեց մի տասը կոպեկանոց։
«Այս ի՜նչ վատ բան է,— մտածեց նա, նայելով Մոիսեյկայի մերկ ոտքերին ու կարմրած, վտիտ կոճերին։— Չէ՞ որ եղանակը խոնավ է»։
Եվ դրդված մի զգացումից, որը նման էր և՛ կարեկցության, և զզվանքի, նա հրեայի հետևից Ֆլիգել գնաց՝ մեկ նրա ճաղատին նայելով, մեկ ոտքերի կոճերին։ Երբ բժիշկը ներս մտավ, Նիկիտան վեր թռավ հնոտիների կույտի վրայից ու ձիգ կանգնեց։
— Բարև՛, Նիկիտա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մեղմությամբ,— արդյոք չէ՞ր կարելի այս հրեային կոշիկ տալ, ապա թե ոչ կմրսի։
— Լսում եմ, ձերդ գերազանցություն։ Ես կզեկուցեմ վերակացուին։
— Բարի եղիր։ Դու խնդրիր նրան իմ անունից։ Ասա՛, որ ես եմ խնդրել։
Նախասենյակից հիվանդասենյակ տանող դուռը բաց էր։ Իվան Դմիտրիչը արմունկին հենված՝ պառկած էր անկողնում և անհանգստացած ականջ էր դնում օտար ձայնին. նա հանկարծ ճանաչեց բժշկին։ Զայրույթից նա ամբողջ մարմնով ցնցվեց, վեր թռավ տեղից, երեսը կարմրած, չարացած աչքերը ճակատը թռած՝ վազեց հիվանդասենյակի մեջտեղը։
— Բժի՜շկն է եկել,— գոչեց նա ու քրքջաց։— Վերջապե՜ս։ Պարոնա՛յք, շնորհավորում եմ, բժիշկը մեզ արժանացնում է իր այցելությանը։ Անիծվա՜ծ զեռուն,— ճղճղաց նա և այնպիսի մոլեգնությամբ, որ երբեք չէին տեսել հիվանդասենյակում, ոտքը հատակին խփեց։— Սպանե՛լ այդ զեռունին։ Ո՛չ, սպանելը քիչ է։ Գցե՛լ արտաքնոցը, խեղդե՛լ այնտեղ։
Անդրեյ Եֆիմիչը, լսելով այդ, նախասենյակից հիվանդասենյակի ներսը նայեց և հարցրեց մեղմորեն.
— Ինչի՞ համար։
— Ինչի՞ համար,— բղավեց Իվան Դմիտրիչը, սպառնալից տեսքով նրան մոտենալով և ջղաձգաբար փաթաթվելով խալաթի մեջ։— Ինչի՞ համար։ Գո՜ղ,— արտասանեց նա զզվանքով ու շրթունքներին այնպիսի ձև տալով, ասես ցանկանում էր թքել։— Շառլատա՛ն։ Դահի՛ճ։
— Հանգստացե՛ք,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ մեղավորի ժպիտով։— Հավատացնում եմ ձեզ, ես երբեք և ոչինչ չեմ գողացել, իսկ մնացածը դուք, հավանորեն, խիստ չափազանցնում եք։ Ես տեսնում եմ, որ դուք բարկացած եք ինձ վրա։ Հանգստացե՛ք, խնդրում եմ ձեզ, եթե կարող եք, և ասեք սառնասրտությամբ՝ ինչի՞ համար եք բարկացած։
— Իսկ դուք ինչո՞ւ եք ինձ այստեղ պահում։
— Նրա համար, որ դուք հիվանդ եք։
— Հա՛, հիվանդ եմ։ Բայց չէ՞ որ տասնյակ, հարյուրավոր խելագարներ ազատ շրջում են, որովհետև ձեր տգիտությունն անընդունակ է նրանց առողջներից զանազանելու։ Իսկ ինչո՞ւ ե՛ս և այս դժբախտները պետք է նստենք այստեղ բոլորի տեղը, որպես քավության նոխազներ։ Դուք, բուժակը, վերակացուն և հիվանդանոցի բոլոր սրիկաները բարոյական տեսակետից անչափելիորեն ցածր եք մեր յուրաքանչյուրից. իսկ ինչու ենք մենք այստեղ նստած, իսկ դուք՝ ո՛չ։ Որտե՞ղ է տրամաբանությունը։
— Բարոյական հանգամանքները և տրամաբանությունն այստեղ դեր չունեն։ Բոլորը կախված է դիպվածից։ Ում նստեցրել են, նա էլ նստած է, իսկ ում չեն նստեցրել, նա զբոսնում է, ահա բոլորը։ Որ ես բժիշկ եմ, իսկ դուք հոգեկան հիվանդ՝ դրա մեջ ո՛չ բարոյական բան չկա, ոչ էլ տրամաբանություն, այլ կա միայն դատարկ պատահականություն։
— Այդ դատարկաբանությունը ես չեմ հասկանում...— խուլ ձայնով ասաց Եվան Դմիտրիչը և նստեց իր մահճակալին։
Մոիսեյկան, որին Նիկիտան քաշվել էր բժշկի ներկայությամբ խուզարկել, իր անկողնի վրա դասավորել էր հացի պատառներ, թղթի կտորներ ու ոսկորներ և տակավին ցրտից դողալով՝ արագ ու երգեցիկ եղանակով ինչ֊որ բան ասաց հրեերեն։ Երևի նա երևակայեց, թե կրպակ է բացել։
— Ինձ ազատ արձակեցեք,— ասաց Իվան Դմիտրիչը, և նրա ձայնը դողաց։
— Չեմ կարող։
— Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ։
— Որովհետև այդ իմ իշխանությունից դուրս է։ Ինքներդ դատեցեք՝ ձեզ բաց թողնելուց ի՞նչ օգուտ։ Ասենք գնացիք։ Քաղաքացիները կամ ոստիկանությունը ձեզ կբռնեն և ետ կբերեն։
— Այո՛, այո՛, այդ ճիշտ է...— ասաց Իվան Դմիտրիչը և ճակատը շփեց։— Սարսափելի դրություն է։ Բայց ես ի՞նչ անեմ։ Ի՞նչ։
Իվան Դմիտրիչի ձայնը և նրա երիտասարդ, խելոք դեմքը՝ ծամածռություններով հանդերձ, դուր եկան Անդրեյ Եֆիմիչին։ Նա ուզեց փաղաքշել և հանգստացնել այդ երիտասարդին։ Անդրեյ Եֆիմիչը նստեց նրա կողքին, անկողնի վրա, մտածեց ու ասաց.
— Դուք հարցնում եք, թե ի՞նչ անել։ Գտնվելով այսպիսի վիճակում՝ ձեզ համար ամենալավագույնն է փախչել այստեղից։ Բայց, ցավոք սրտի, այդ անօգուտ է։ Ձեզ կբռնեն։ Երբ հասարակությունը պաշտպանում է իրեն ոճրագործներից, հոգեկան հիվանդներից և ընդհանրապես անհարմար մարդկանցից, նա անհաղթելի է։ Ձեզ մի բան է մնում՝ հանգստանալ, մտածելով, որ ձեր այստեղ մնալն անհրաժեշտ է։
— Այդ ոչ ոքի պետք չէ։
— Քանի որ գոյություն ունեն բանտեր և գժանոցներ, դե, ուրեմն, մեկնումեկը պետք է նստի այնտեղ։ Եթե ոչ դուք, ապա ես, ոչ ես, ապա մի որևէ երրորդը։ Սպասեցեք, մինչև հեռավոր ապագայում բանտերի ու գժանոցների գոյության վերջը կգա, այլևս ոչ պատուհանները ճաղեր կունենան և ոչ էլ զսպաշապիկներ կլինեն։ Իհարկե, վաղ թե ուշ կգա այդպիսի ժամանակ։
Իվան Դմիտրիչը ծաղրաբար ժպտաց։
— Դուք կատակում եք,— ասաց նա՝ աչքերը կկոցելով։— Այնպիսի պարոնները, ինչպիսին դուք եք և ձեր օգնական Նիկիտան, ապագայի հետ ոչ մի գործ չունեն, բայց հավատացած կարող եք լինել, մեծարգո պարոն, կգան լավագո՜ւյն ժամանակներ։ Ոչինչ, որ գռեհիկ եմ արտահայտվում, ծիծաղեցե՛ք, բայց կշողա նոր կյանքի արշալույսը, ճշմարտությունը կհաղթի, և մեր փողոցում տո՜ն կլինի։ Ես այդ ժամանակին չեմ արժանանա, կսատկեմ, բայց որևէ մեկի ծոռները հո կարժանանա՜ն։ Ողջունո՜ւմ եմ նրանց ամբողջ սրտով և ուրախանո՜ւմ, ուրախանո՜ւմ նրանց փոխարեն։ Հառա՜ջ։ Թո՛ղ աստված օգնի ձեզ, բարեկամնե՜րս։
Իվան Դմիտրիչի աչքերը փայլեցին, նա ոտքի ելավ և, ձեռքերը տարածելով դեպի պատուհանը, հուզված ձայնով շարունակեց.
— Այս ճաղերի հետևից օրհնո՜ւմ եմ ձեզ։ Կեցցե՜ ճշմարտությունը։ Հրճվո՜ւմ եմ։
— Հրճվելու առանձին պատճառ ես չեմ գտնում,— ասաց Անդրեյ Եֆիմիչը, որին Իվան Դմիտրիչի շարժումը դերասանական թվաց և միևնույն ժամանակ շատ դուր եկավ։— Բանտեր և գժանոցներ չեն լինի, և ճշմարտությունը, ինչպես դուք բարեհաճեցիք արտահայտվել, կհաղթի, բայց չէ՞ որ իրերի էությունը չի փոխվի, բնության օրենքները դարձյալ նույնը կմնան։ Մարդիկ կհիվանդանան, կծերանան ու կմեռնեն ճիշտ այնպես, ինչպես և հիմա։ Ինչպիսի հիասքանչ արշալույս էլ որ լուսավորի ձեր կյանքը, այսուամենայնիվ, վերջիվերջո ձեզ դագաղ կդնեն ու փոսը կնետեն։
— Հապա անմահությո՞ւնը։
— է՜, դուք էլ ինչ եք ասում։
— Դուք չեք հավատում, դե՛, իսկ ես հավատում եմ։ Դոստոևսկու թե Վոլտերի մոտ ինչ֊որ մեկն ասում է, որ եթե աստված չլիներ, մարդիկ նրան կստեղծեին։ Իսկ ես խորապես համոզված եմ, որ եթե անմահություն չկա, մարդու վեհ խելքը վաղ թե ուշ այն կհնարի։
— Լավ է ասված,— ասաց Անդրեյ եֆիմիչը՝ բավականությունից ժպտալով։— Այդ լավ է, որ դուք հավատում եք։ Այդ հավատն ունենալով, մինչև անգամ ողջ֊ողջ որմաթաղ արված վիճակում կարելի է իրեն երջանիկ զգալ։ Շնորհ արեք ասելու՝ դուք որևէ տեղ կրթություն ստացե՞լ եք։
— Այո՛, սովորել եմ համալսարանում, բայց չեմ ավարտել։
— Դուք մտածող և լրջմիտ մարդ եք։ Ամեն մի պարագայում դուք կարող եք ձեր հոգին խաղաղեցնել ձեր իսկ ունակությամբ։ Կյանքի ըմբռնման ձգտող ազատ և խոր մտածողությունը ու կատարյալ արհամարհանքը դեպի աշխարհի հիմար ունայնությունը,— ահա այն երկու բարիքները, որոնցից բարձրը մարդս երբեք չի տեսել։ Դուք ևս կարող եք տիրանալ դրանց, թեկուզև երեքտակ ճաղերի հետևում ապրելիս լինեք։ Դիոգենեսն ապրում էր տակառի մեջ, սակայն բոլոր երկրավոր թագավորներից երջանիկ էր։
— Ձեր Դիոգենեսը դդումի մեկն էր,— մռայլ ասաց Իվան Դմիտրիչը։— Ի՞նչ եք ինձ պատմում Դիոգենեսից և ինչ֊որ ըմբռնումից,— հանկարծ բարկացավ նա և տեղից թռավ։— Ես սիրո՜ւմ եմ կրքոտությա՜մբ։ Ես ունեմ մտամոլություն, թե ինձ հալածում են, և մի մշտական տանջող վախ, բայց լինում են րոպեներ, երբ ինձ համակում է կյանքի ծարավը, և այն ժամանակ ես վախենում եմ, թե կխելագարվեմ։ Սոսկալի՜ ապրել եմ ուզում, սոսկալի՜։
Նա հուզված քայլեց հիվանդասենյակում և, ձայնը ցածրացնելով, ասաց.
— Երբ ես երազում եմ, ինձ ուրվականներ են այցելում։ Ինչ֊որ մարդիկ են գալիս ինձ մոտ, ես լսում եմ ձայներ, երաժշտություն, և ինձ թվում է, թե ես զբոսնում եմ ինչ֊որ անտառներում. ծովի ափին, և այնպես բուռն կերպով ցանկանում եմ իրարանցում, հոգսեր... Ասե՛ք ինձ, դե՛, այնտեղ ի՞նչ նորություն կա,— հարցրեց Իվան Դմիտրիչը։— Ի՞նչ կա այնտեղ։
— Դուք քաղաքի՞ մասին եք ցանկանում իմանալ, թե՞ ընդհանրապես։
— Դե՛, նախ ինձ պատմեցեք քաղաքի մասին, իսկ հետո՝ ընդհանրապես։
— Ի՞նչ ասեմ։ Քաղաքում տաղտկալի ձանձրույթ է տիրում... Չկա մեկը, որի հետ մի խոսք փոխանակես, չկա մեկը, որին լսես։ Նոր մարդիկ չկան։ Սակայն մոտ ժամանակներս եկավ երիտասարդ բժիշկ Խոբոտովը։
— Նա մի օրով է եկել։ Հը՛, անտա՞շ մարդ է։
— Այո՛, կուլտուրական մարդ չէ։ Տարօրինակ է, գիտեք... Ամեն ինչից դատելով, մեր մայրաքաղաքներում մտավոր լճացում չկա, կա շարժում. նշանակում է, այնտեղ իսկական մարդիկ էլ պետք է լինեն, բայց, չգիտես ինչու, ամեն անգամ այնտեղից այնպիսի մարդիկ են ուղարկում մեզ մոտ, որ երեսներին էլ նայելու չէ։ Դժբա՜խտ քաղաք է։
— Այո՛, դժբախտ քաղաք է,— հառաչեց Իվան Դմիտրիչը և ծիծաղեց։— Իսկ ընդհանրապես ինչպե՞ս է։ Լրագրերում և ժուռնալներում ի՞նչ են գրում։
Հիվանդասենյակում արդեն մութն էր։ Բժիշկը ոտքի կանգնեց և կանգնած սկսեց պատմել, թե ի՛նչ են գրում արտասահմանում ու Ռուսաստանում և ներկայումս մտքի ինչ ուղղություն է նկատվում։ Իվան Դմիտրիչն ուշադիր լսում և հարցեր էր տալիս, բայց հանկարծ, կարծես ինչ֊որ սոսկալի բան հիշելով, գլուխը բռնեց և պառկեց անկողնի վրա՝ թիկունքը բժշկին դարձրած։
— Ձեզ ի՞նչ պատահեց,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը։
— Դուք այլևս ինձանից ոչ մի բառ չեք լսի,— կոպտաբար խոսեց Իվան Դմիտրիչը։— Թողե՛ք ինձ։
— Իսկ ինչո՞ւ։
— Ասում եմ ձեզ՝ թողե՞ք։ Ինձնից ի՞նչ եք ուզում։
Անդրեյ Եֆիմիչր թոթվեց ուսերը, հառաչեց ու դուրս գնաց։ Նախասենյակից անցնելիս նա ասաց.
— Արդյոք չէ՞ր կարելի այստեղ մաքրել, Նիկիտա... Սոսկալի՜ ծանր հոտ է։
— Լսում եմ, ձերդ գերազանցություն։
«Ի՜նչ հաճելի երիտասարդ է,— մտածում էր Անդրեյ Եֆիմիչը՝ տուն գնալով։— Այն ամբողջ ժամանակվա ընթացքում, որ ես ապրում եմ այստեղ, կարծեմ, սա առաջին մարդն է, որի հետ կարելի է զրուցել։ Նա կարողանում է դատել և հետաքրքրվում է հենց նրանով, ինչով պետք է»։
Կարդալու ժամանակ և ապա երբ պառկեց քնելու, նա միշտ մտածում էր Իվան Դմիտրիչի մասին, իսկ հաջորդ առավոտյան, արթնանալով, հիշեց, որ երեկ ծանոթացել է մի խելացի ու հետաքրքրական մարդու հետ և վճռեց առաջին իսկ հնարավորության դեպքում մեկ անգամ էլ գնալ նրա մոտ։
X
Իվան Դմիտրիչը պառկած էր նույնպիսի դիրքով, ինչպես երեկ՝ ձեռքերով գլուխը բռնած և ոտքերը ծալած։ Նրա դեմքը չէր երևում։
— Բարև՛, բարեկամս,— ասաց Անդրեյ Եֆիմիչը։— Դուք քնած չե՞ք։
— Նախ՝ ես ձեր բարեկամը չեմ,— խոսեց Իվան Դմիտրիչր՝ բերանը բարձին դրած,— իսկ երկրորդ՝ դուք իզուր եք ջանք թափում. ինձանից ո՛չ մի բառ չեք կարող կորզել։
— Տարօրինակ է...— քրթմնջաց Անդրեյ Եֆիմիչը՝ շփոթված։— Երեկ մենք այնպես խաղաղ էինք զրուցում, բայց դուք, չգիտես ինչու, հանկարծ վիրավորվեցիք և մեկից ընդհատեցիք խոսակցությունը... Երևի ես որևէ կերպ անհարմար արտահայտվեցի կամ, գուցե, ձեր համոզմունքներին չներդաշնակող մի՞տք հայտնեցի...
— Հա՛, ես էլ հենց հավատացի՜ ձեզ, էլի՛,— ասաց Իվան Դմիտրիչը՝ կիսաբարձրանալով և ծաղրական ու անհանգիստ նայելով բժշկին, նրա աչքերը կարմրած էին։— Լրտեսելու և կտտանքների ենթարկելու կարող եք գնալ մի ուրիշ տեղ, իսկ այստեղ դուք գործ չունեք։ Ես դեռ երեկ հասկացա, թե դուք ինչու էիք եկել։
— Տարօրինա՜կ երևակայություն է,— ժպտաց բժիշկը։ — Ուրեմն դուք ենթադրում եք, թե ես լրտե՞ս եմ։
— Այո , ենթադրում եմ... Լրտես կամ մի բժիշկ, որի մոտ ինձ պառկեցրել են փորձարկության համար,— այդ միևնույն է։
— Ա՜խ, դուք ինչ... ներեցեք... խենթն եք։
Բժիշկը նստեց նրա անկողնի մոտ գտնվող տաբուրետին և հանդիմանաբար օրորեց գլուխը։
— Բայց ենթադրենք թե դուք ճշմարիտ եք,— ասաց նա։ — Ենթադրենք թե ես դավաճանաբար բռնում եմ ձեզ ձեր ասածով, որպեսզի մատնեմ ոստիկանությանը։ Ձեզ ձերբակալում են ու հետո դատում։ Բայց մի՞թե դատարանում և բանտում դուք ձեզ ավելի վատ եք զգալու, քան այստեղ։ Իսկ եթե աքսորեն ուրիշ տեղ՝ բնակվելու և մինչև անգամ ուղարկեն տաժանակիր աշխատանքի, մի՞թե այդ ավելի վատ կլինի, քան այս ֆլիգելում նստելը։ Ենթադրում եմ, որ ավելի վատ չէ... էլ ինչո՞ւ վախենալ։
Ըստ երևույթին, այս բառերն ազդեցին Իվան Դմիտրիչի վրա։ Նա հանգիստ նստեց։
Երեկոյան ժամը չորսն անց էր,— դա այն ժամանակն էր, երբ Անդրեյ Եֆիմիչը սովորաբար շրջում էր իր սենյակներում, և Դարյուշկան հարցնում էր նրան, թե գարեջուր խմելու ժամանակը չէ՞ արդյոք։ Դուրսը խաղաղ, պարզ եղանակ էր։
— Իսկ ես ճաշից հետո դուրս եկա զբոսնելու և ահա անցա ձեզ մոտ, ինչպես տեսնում եք,— ասաց բժիշկը։— Կատարյալ գարուն է։
— Հիմա ո՞ր ամիսն է։ Մա՞րտը,— հարցրեց Իվան Դմիտրիչը։
— Այո՛, մարտի վերջն է։
— Դուրսը ցե՞խ է։
— Ո՛չ, շատ ցեխ չէ։ Պարտեզում արդեն շավիղներ կան։
— Հիմա լավ կլիներ կառքով որևէ տեղ քաղաքից դուրս գնալ,— ասաց Իվան Դմիտրիչը, տրորելով իր կարմրած աչքերը, ասես քնից նոր արթնանալով.— հետո վերադառնալ տուն՝ տաք, բարեհարմար առանձնասենյակը և... և մի կարգին բժշկի մոտ բուժել գլխացավը... Վաղուց է ես մարդավարի չեմ ապրել։ Իսկ այստեղ խիստ վա՜տ է։ Անհանդուրժելի՜ վատ է։
Երեկվա հուզմունքից հետո նա հոգնած էր ու թուլացած և դժկամությամբ էր խոսում։ Նրա մատները դողում էին, և դեմքից երևում էր, որ գլուխը սաստիկ ցավում է։
— Տաք, բարեհարմար առանձնասենյակի և այս հիվանդասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը։— Մարդու հանգստությունն ու բավականությունը ոչ թե իրենից դուրս է, այլ հենց իր մեջ։
— Այսինքն ինչպե՞ս։
— Սովորական մարդը՝ լավը կամ վատը սպասում է իրենից դուրս, այսինքն՝ կառքից և առանձնասենյակից, իսկ խորհողը՝ ինքն իրենից։
— Գնացե՛ք այդ փիլիսոփայությունը քարոզեցեք Հունաստանում, որտեղ տաք է և նարնջի հոտ է բուրում, իսկ այստեղ՝ այդ մեր կլիմային հարմար չէ։ Ես այն ո՞ւմ հետ էի խոսում Դիոգենեսի մասին։ Ձեզ հե՞տ էր, ինչ է։
— Այո՛, երեկ ինձ հետ։
— Դիոգենեսն առանձնակի և տաք շենքի կարիք չուներ, այնտեղ առանց դրան էլ շոգ է։ Պառկիր տակառի մեջ և նարինջ ու ձիթապտուղ կեր։ Իսկ եթե նրան վիճակվեր Ռուսաստանում ապրել, նա ոչ թե դեկտեմբերին, այլ մայիսին կխնդրեր սենյակ թողնել իրեն։ Հավանորեն ցրտից կուչ կգար։
— Ո՛չ։ Ցուրտը, ինչպես և ամեն մի ցավ, կարելի է չզգալ։ Մարկոս Ավրելիոսն ասել է. «Ցավը— ցավի կենդանի պատկերացումն է. կամքի ուժ գործադրիր այդ պատկերացումը փոխելու, դեն նետիր այն, դադարիր գանգատվել, և ցավը կանհետանա»։ Այս ճշմարիտ է։ Իմաստունը կամ պարզապես խորհող, լրջմիտ մարդն աչքի է ընկնում հատկապես նրանով, որ արհամարհում է տառապանքը. նա միշտ գոհ է և ոչ մի բանի վրա չի զարմանում։
— Ուրեմն ես ապուշ եմ, որովհետև ես տանջվում եմ, դժգոհ եմ և զարմանում եմ մարդու ստորության վրա։
— Դուք իզուր եք այդպես խոսում։ Եթե դուք հաճախակի խոր մտածեք, ապա կհասկանաք, թե որքան չնչին է այն բոլոր արտաքինը, որ մեզ հուզում է։ Հարկավոր է ձգտել կյանքի ըմբռնման, իսկ ճշմարիտ երանությունը դրա մեջ է։
— Ըմբռնում...— դեմքը կնճռոտեց Իվան Դմիտրիչը։— Արտաքին, ներքին... Ներեցե՛ք, ես այդ չեմ հասկանում։ Ես միայն գիտեմ,— ասաց նա՝ ոտքի կանգնելով ու բարկացած նայելով բժշկին,— ես գիտեմ, որ աստված ինձ ստեղծել է տաք արյունից ու նյարդերից, այո՛։ Իսկ օրգանական հյուսվածքը, եթե այն կենսունակ է, պետք է արձագանքի ամեն մի գրգիռի։ Եվ ես արձագանքո՜ւմ եմ։ Ցավին ես պատասխանում եմ ճիչով ու արցունքներով, ստորությանը՝ զայրույթով, գարշելիությանը՝ զզվանքով։ Ըստ իս՝ հենց այս է, որ կյանք է կոչվում։ Որքան ցածր է օրգանիզմը, այնքան քիչ զգայուն է և այնքան թույլ է արձագանքում գրգիռին, և որքան բարձր է օրգանիզմը, այնքան զգայունակ է նա ու ավելի եռանդագին է անդրադառնում իրականությանը։ Այս ինչպե՞ս կարելի է չիմանալ։ Բժիշկ է և այսպիսի դատարկ բաներ չգիտե՜։ Տանջանքն արհամարհելու, միշտ գոհ լինելու և ոչնչի վրա չզարմանալու համար հարկավոր է հասնել ահա այսպիսի դրության,— և Իվան Դմիտրիչը ցույց տվեց հաստ, ճարպակալած գեղջուկին,—կամ թե տանջանքներով իրեն այն աստիճան կոփել, որպեսզի կորչի տանջանքի ամեն մի զգացողություն, այսինքն, ուրիշ խոսքով ասած՝ մարդ դադարի ապրել։ Ներեցե՛ք, ես իմաստուն չեմ ու ոչ էլ փիլիսոփա,— շարունակեց Իվան Դմիտրիչը բորբոքված,— և դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ես ի վիճակի չեմ դատողություն անելու։
— Ընդհակառակը, դուք սքանչելի եք դատում։
— Ստոյիկները, որոնց դուք այդպես ծաղրաբար նմանեցնում եք, խիստ հետաքրքրական մարդիկ էին, բայց նրանց ուսմունքն անշարժացավ տակավին երկու հազար տարի սրանից առաջ և մազաչափ անգամ առաջ չի չարժվել ու չի շարժվի, որովհետև գործնական ու կենսունակ չէ։ Այն հաջողություն է ունեցել միայն փոքրամասնության շրջանում, որն իր կյանքն անց է կացնում ամեն տեսակ ուսմունքներ սերտելով ու նրանց համի քաղցրությունը վայելելով, իսկ մեծամասնությունն այն չէր հասկանում։ Դեպի հարստությունը, դեպի կյանքի հարմարություններն՝ անտարբերություն, դեպի տանջանքն ու մահը՝ արհամարհանք քարոզող ուսմունքը բոլորովին անհասկանալի է հսկայական մեծամասնությանը, որովհետև այդ մեծամասնությունը երբեք ճաշակած չի եղել ոչ հարստությունը, ոչ էլ կյանքի հարմարությունները. իսկ տառապանքներն արհամարհելը նրա համար կնշանակեր արհամարհել բուն իսկ կյանքը, քանի որ մարդու ամբողջ էությունը կազմում են՝ քաղցի, ցրտի, վիրավորանքների, կորուստների և մահվան հանդեպ համլետյան ահի զգայությունները։ Այդ զգայությունները ողջ կյանքն են։ Այդ կյանքը կարող է բեռ թվալ, նրան կարելի է ատել, բայց ոչ արհամարհել։ Այո՛, այսպես է. կրկնում եմ՝ ստոյիկների ուսմունքը երբեք չի կարող ապագա ունենալ, իսկ կյանքի սկզբից մինչև այսօր առաջադիմում են, ինչպես տեսնում եք, պայքարը, զգայուն վերաբերմունքը դեպի ցավը, գրգռին պատասխանելու ընդունակությունը...
Իվան Դմիտրիչը հանկարծ կորցրեց մտքերի թելը, կանգ առավ և սրտնեղած շփեց ճակատը։
— Ուզում էի ինչ֊որ կարևոր բան ասել, բայց շփոթվեցի,— ասաց նա։— Ի՞նչ էի ասում։ Հա՛։ Այսպես, ուրեմն, ես այս եմ ասում. ստոյիկներից մեկն իրեն ստրկության վաճառեց, որպեսզի փրկագնի իր մերձավորին։ Ա՛յ, տեսնում եք, ստոյիկն էլ է անդրադարձել գրգիռին, որովհետև մի այնպիսի մեծահոգի ակտի համար, ինչպիսին է իրեն ոչնչացնելը հանուն իր մերձավորի, հարկավոր է վրդովված, կարեկցող հոգի։ Ես այստեղ, այս բանտում մոռացել եմ բոլորը, ինչ սովորել էի, ապա թե ոչ էլի որևէ բան կհիշեի։ Իսկ Քրիստոսին եթե վերցնե՞նք։ Քրիստոսն իրականությանը պատասխանամ էր նրանով, որ լալիս էր, ժպտում, տխրում, զայրանում, մինչև անգամ թախծում. նա ժպիտը դեմքին չէր ընդառաջ գնում տառապանքներին և չէր արհամարհում մահը, այլ աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, որպեսզի դառնության բաժակը հեռանա իրենից։
Իվան Դմիտրիչը ծիծաղեց և նստեց։
— Դիցուք թե մարդու հանգիստն ու գոհունակությունն իրենից դուրս չէ, այլ իր իսկ մեջ,— ասաց նա։— Դիցուք թե հարկավոր է արհամարհել տառապանքներն ու ոչնչի վրա չզարմանալ։ Բայց դուք ինչի՞ հիման վրա եք քարոզում այդ։ Դուք իմաստո՞ւն եք։ Փիլիսոփա՞ եք։
— Ո՛չ, ես փիլիսոփա չեմ, բայց դա պետք է քարոզեն ամենքը, որովհետև այդ խելացի բան է։
— Ո՛չ, ես ուզում եմ իմանալ՝ դուք ինչո՞ւ եք ձեզ ձեռնհաս համարում ըմբռնման, տառապանքների արհամարհման և այլ գործում։ Մի՞թե դուք երբևէ տանջվել եք։ Դուք տառապանքների մասին գաղափար ունե՞ք։ Սպասեք, երեխա ժամանակ ձեզ գանակոծե՞լ են։
— Ո՛չ իմ ծնողները զզվանք էին տածում դեպի մարմնական պատիժները։
— Իսկ ինձ հայրս անողոքաբար գանակոծում էր։ Իմ հայրը խիստ բնավորության տեր, հեմորոյով տառապողի տեսքով մի երկարաքիթ ու դեղնավիզ չինովնիկ էր։ Բայց խոսենք ձեր մասին։ Ձեր ամբողջ կյանքի ընթացքում ձեզ ոչ ոք անգամ մատ չի դիպցրել, ոչ ոք ահ չի տվել, չի ծեծկել. եզան պես առողջ եք դուք։ Դուք մեծացել եք ձեր հոր թևի տակ և սովորել նրա հաշվին, իսկ հետո մեկ անգամից ստացել եք անաշխատ վարձատրվող պաշտոն։ Քսան տարուց ավելի դուք ապրել եք ձրի բնակարանում՝ ձրի վառելիքով, լուսավորությամբ, ծառայով, ընդսմին, իրավունք ունենալով աշխատել ինչպես և ինչքան կկամենաք, թեկուզ ոչինչ չանել։ Բնությունից դուք ծույլ, փխրուն մարդ եք, ուստիև ջանացել եք ձեր կյանքն այնպես դասավորել, որպեսզի ձեզ ոչինչ չանհանգստացնի և տեղից չշարժի։ Գործերը դուք հանձնել եք բուժակին և մյուս սրիկաներին, իսկ ինքներդ նստել եք տաք ու խաղաղ ձեր տեղում, փող եք կուտակել, գիրք կարդացել, ձեզ հաճույք պատճառել զանազան բարձր և դատարկ բաների վերաբերյալ խորհրդածություններով և (Իվան Դմիտրիչը նայեց բժշկի կարմիր քթին) կոնծաբանությամբ։ Մի խոսքով՝ դուք կյանքը չեք տեսել, այն բոլորովին չգիտեք, իսկ իրականությանը ծանոթ եք միայն թեորիապես։ Իսկ տառապանքը դուք արհամարհում եք և ոչ մի բանի վրա չեք զարմանում մի շատ պարզ պատճառով. ունայնություն ունայնությանց, արտաքին և ներքին արհամարհանք դեպի կյանքը, տառապանքները և մահը, ըմբռնում, իսկական երանություն. այս բոլորը փիլիսոփայություն է, որ ամենից հարմարն է ռուս ծույլի համար։ Օրինակ, դուք տեսնում եք, թե գեղջուկն ինչպես է ծեծում իր կնոջը։ Ինչո՞ւ միջամտել։ Թո՛ղ ծեծի. միևնույն է՝ երկուսն էլ մեռնելու են վաղ թե ուշ, մանավանդ որ ծեծողն իր հարվածներով վիրավորում է ոչ թե նրան, ում ծեծում է, այլ հենց իրեն։ Հարբեցողությունը հիմար, անվայել բան է, բայց խմես էլ՝ պետք է մեռնես, չխմես էլ՝ պետք է մեռնես։ Ասենք, մի կին է գալիս, ատամները ցավում են...Դե՛, ի՞նչ կա որ։ Ցավը ցավի պատկերացումն է և, ի դեպ, հիվանդություններն էլ այս աշխարհում չես վերացնի, բոլորս էլ մեռնելու ենք. ուստիև՝ թո՛ղ, հեռացիր, ա՛յ կնիկ, ինձ մի խանգարիր մտածել և օղի խմել։ Երիտասարդը խորհուրդ է հարցնում, թե ինչ անի, ինչպես ապրի. նախքան պատասխանելը՝ մեկ ուրիշը կմտածեր, իսկ այստեղ պատասխանն արդեն պատրաստ է. ձգտիր ըմբռնման կամ ճշմարիտ երանության։ Իսկ ի՛նչ բան է այդ «ճշմարիտ երանությունը»։ Պատասխան չկա, իհարկե։ Մեզ այստեղ պահում են ճաղերի հետևում, փտեցնում են, խոշտանգում. բայց այդ հիանալի է և խելացի, որովհետև այս հիվանդասենյակի և տաքուկ, բարեհարմար առանձնասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա։ Հարմար փիլիսոփայություն է. թե՛ բան չես անի, թե՛ խիղճդ է մաքուր և թե՛ քեզ իմաստուն ես զգում... Ո՛չ, տե՛ր իմ, այդ փիլիսոփայություն չէ, մտածողություն չէ, մտքի խորություն չէ, այլ ծուլություն է, ֆակիրություն, թմրեցնող ինքնօրորում... Այո՛,— նորից բարկացավ Իվան Դմիտրիչը։— Տանջանքն արհամարհում եք, բայց երևի ձեր մատը որ դռան տակ գցեն, կոկորդո՜վ մեկ կբղավեք։
— Բայց գուցեև չբղավեմ,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ հեզաբար ժպտալով։
— Հա՛, ինչպես չէ։ Բայց, ա՛յ, եթե դուք կաթվածահար լինեիք կամ, դիցուք, որևէ հիմարի ու հանդուգնի մեկը իր դիրքից ու աստիճանից օգտվելով՝ հրապարակորեն վիրավորեր ձեզ, և դուք իմանայիք, որ նա անպատիժ կմնա, դե՛, այն ժամանակ դուք կհասկանայիք, թե ինչ ասել է ուրիշներին ըմբռնողության ու ճշմարիտ երանության խորհուրդ տալ։
— Այդ օրիգինալ դատողություն է,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ բավականությունից ժպտալով ու ձեռքերը շփելով։— Ինձ հաճելի զարմանք է պատճառում ձեր ընդհանրացման հակումը, իսկ իմ բնութագիրը, որ դուք հենց նոր բարեհաճեցիք տալ, ուղղակի փայլուն է։ Խոստովանում եմ, որ ձեզ հետ զրուցելն ինձ հսկայական բավականություն է պատճառում։ Դե՛, ես ձեզ լսեցի, հիմա դուք էլ բարեհաճեցեք ինձ լսել...
XI
Այդ խոսակցությունը շարունակվեց ևս մոտ մի ժամ և, ըստ երևույթին, խոր տպավորություն գործեց Անդրեյ Եֆիմիչի վրա։ Նա սկսեց ամեն օր ֆլիգել գնալ։ Նա այնտեղ գնում էր առավոտները և ճաշից հետո, և հաճախ իրիկնամութն ընկնելիս դեռ զրուցելիս էր լինում Իվան Դմիտրիչի հետ։ Սկզբնական շրջանում Իվան Դմիտրիչը խրտնում էր նրանից, կասկածում, թե նա չար դիտավորություն ունի և բացահայտորեն իր անբարյացակամությունն էր արտահայտում. հետո ընտելացավ նրան և իր խիստ վերաբերմունքը փոխեց ներողամիտ֊հեգնականի։
Շուտով հիվանդանոցում լուր տարածվեց, թե բժիշկ Անդրեյ Եֆիմիչն սկսել է հաճախել համար 6 հիվանդասենյակը։ Ոչ ոք՝ ո՛չ բուժակը, ո՛չ Նիկիտան, ո՛չ հիվանդապահուհիները չէին կարողանում հասկանալ, թե նա ինչու է գնում այնտեղ, ինչու է ամբողջ ժամերով նստում, ինչ է խոսում և ինչու դեղատոմսեր չի գրում։ Նրա վարմունքը տարօրինակ էր թվում։ Միխայիլ Ավերյանիչը հաճախ նրան տանը չէր գտնում, մի բան, որ առաջ երբեք չէր պատահում։ Դարյուշկան էլ շատ էր մտահոգված, որովհետև բժիշկը գարեջուրը որոշված ժամանակին չէր խմում և երբեմն էլ մինչև իսկ ճաշին էր ուշանում։
Մի անգամ, այդ արդեն հունիսի վերջերին էր, բժիշկ Խոբոտովը ինչ֊որ գործով Անդրեյ Եֆիմիչի մոտ եկավ և, նրան տանը չգտնելով, գնաց բակում նրան որոնելու։ Այնտեղ նրան ասացին, որ ծեր բժիշկը հոգեհիվանդների մոտ է գնացել։ Ֆլիգել մտնելով և կանգ առնելով նախասենյակում, Խոբոտովն այսպիսի խոսակցություն լսեց.
— Մենք երբեք համաձայնության չենք գա, և ինձ ձեր հավատին դարձնել՝ ձեզ չի հաջողվի,— գրգռված ասում էր Իվան Դմիտրիչը։— Իրականությանը դուք կատարելապես անծանոթ եք ու երբեք չեք տանջվել, այլ միայն տզրուկի պես սնվել եք ուրիշների տանջանքներով, իսկ ես անընդհատ տանջվել եմ՝ իմ ծննդյան օրից մինչև այսօր։ Այդ պատճառով անկեղծորեն ասում եմ, որ ես ինձ բոլոր կողմերով ձեզանից բարձր և ձեռնհաս եմ համարում։ Դուք չեք, որ պետք է ինձ սովորեցնեք։
— Ես բնավ հավակնություն չունեմ ձեզ իմ հավատին դարձնելու,— ասաց Անդրեյ Եֆիմիչը կամացուկ և ցավելով, որ իրեն չեն ցանկանում հասկանալ։— Եվ բանն այդ չէ, բարեկա՛մս։ Բանն այն չէ, որ դուք տանջվել եք, իսկ ես՝ ոչ։ Տանջանքն ու խնդությունն անցողիկ են. թողնենք դրանք, աստված իրենց հետ։ Բանն այն է, որ ես և դուք մտածում ենք. մենք միմյանց մեջ տեսնում ենք այնպիսի մարդու, որն ընդունակ է խորհել և դատել, և այդ մեզ համերաշխ է դարձնում, որքան էլ տարբեր լինեն մեր հայացքները։ Երանի դուք գիտենայիք, բարեկա՛մս, թե ինձ որքա՜ն է ձանձրացրել ընդհանուր խելագարությունը, ապիկարությունը, բթամտությունը, և ամեն անգամ ինչպիսի հաճույքով եմ ես զրուցում ձեզ հետ։ Դուք խելոք մարդ եք և դուք ինձ հրճվանք եք պատճառում։
Խոբոտովը մի վերշոկաչափ բացեց դուռը և նայեց հիվանդասենյակի ներսը. Իվան Դմիտրիչը թասակը գլխին և Անդրեյ Եֆիմիչը կողք֊կողքի նստած էին անկողնի վրա։ Խելագարը ծամածռություններ էր անում, ցնցվում, ջղաձգաբար փաթաթվում խալաթի մեջ, իսկ բժիշկը գլուխը կախ, անշարժ նստած էր, և նրա դեմքը կարմիր էր, դեմքի արտահայտությունն անօգնական, տխուր։ Խոբոտովն ուսերը թոթվեց, քմծիծաղ տվեց և հայացք փոխանակեց Նիկիտայի հետ։ Նիկիտան նույնպես ուսերը թոթվեց։
Մյուս օրը Խոբոտովը ֆլիգել եկավ բուժակի հետ։ Երկուսն էլ կանգնեցին նախասենյակում և ծածկաբար լսում էին ներսի խոսակցությունը։
— Մեր պապը կարծեմ բոլորովին ցնորվել է,— ասաց Խոբոտովը՝ ֆլիգելից դուրս գալով։
— Տե՛ր, ողորմյա մեզ մեղավորներիս,— հառաչեց բարեվայելուչ Սերգեյ Սերգեյիչը՝ ուշի֊ուշով շրջանցելով ջրափոսերը, որպեսզի չկեղտոտի իր հիանալի փայլեցրած սապոգները։— Պետք է խոստովանեմ, հարգելի Եվգենի Ֆյոդորիչ, ես այդ վաղո՜ւց էի սպասում։
XII
Դրանից հետո Անդրեյ Եֆիմիչն սկսեց ինչ֊որ խորհրդավորություն նկատել իր շուրջը։ Գեղջուկ ծառաները, հիվանդապահուհիները և հիվանդները նրան հանդիպելիս հարցական նայում էին և ապա քչփչում իրար հետ։ Փոքրիկ Մաշան՝ վերակացուի աղջիկը, որին նա սիրում էր հանդիպել հիվանդանոցի պարտեզում, հիմա, երբ ինքը ժպտալով մոտենում էր նրան, որպեսզի նրա գլուխը շոյի, չգիտես ինչու, փախչում էր։ Փոստի պետ Միխայիլ Ավերյանիչը նրան լսելիս այլևս չէր ասում. «Միանգամայն ճիշտ է», այլ անհասկանալի շփոթմունքով քրթմնջում էր. «Այո՛, այո՛, այո՛»... և նայում էր նրան մտածկոտ ու տխուր։ Չգիտես թե ինչու, նա սկսեց խորհուրդ տալ իր բարեկամին թողնելու օղին ու գարեջուրը, բայց որպես քաղաքավարի մարդ, խոսում էր ոչ թե ուղղակիորեն, այլ ակնարկներով, պատմելով մերթ մի գումարտակի հրամանատարի մասին,— որ սքանչելի մարդ էր,— մերթ գնդի քահանայի մասին՝ մի գովական անձնավորության, որոնք խմում էին ու հիվանդացան, բայց, խմելը թողնելով, առողջացան կատարելապես։ Մի երկու֊երեք անգամ Անգրեյ Եֆիմիչի մոտ եկավ նրա պաշտոնակից Խոբոտովը. նա նույնպես խորհուրդ էր տալիս թողնել ոգելից խմիչքները և առանց որևէ նկատելի առիթի՝ հանձնարարում էր բրոմի կալիում ընդունել։
Օգոստոսին Անդրեյ Եֆիմիչը քաղաքագլխից մի նամակ ստացավ, որով նա խնդրում էր մի շատ կարևոր գործով շնորհ բերել իր մոտ։ Նշանակված ժամին քաղաքային վարչություն գալով՝ Անդրեյ Եֆիմիչն այնտեղ գտավ զինվորական ատյանի պետին, գավառական դպրոցի հաստիքային տեսչին, քաղաքային վարչության մի անդամի, Խոբոտովին և էլի ինչ֊որ լիքը, շիկահեր պարոնի, որին ներկայացրին որպես բժիշկ։ Այդ բժիշկը, որ ուներ լեհական դժվար արտասանելի ազգանուն, ապրում էր քաղաքից երեսուն վերստ հեռավորության վրա գտնվող ձիաբուծարանում և այժմ կառք նստած քաղաքով անցնելիս՝ կանգ էր առել այդտեղ։
— Այստեղ ձեր հիմնարկին վերաբերող մի հայտարարություն կա,— դիմեց Անդրեյ Եֆիմիչին քաղաքային վարչության անդամն այն բանից հետո, երբ բոլորը բարևեցին իրար և նստեցին սեղանի շուրջ։— Ա՛յ, Եվգենի Ֆյոդորիչն ասում է, որ գլխավոր շենքում դեղատան տեղը նեղվածք է և որ դեղատունը պետք է տեղափոխել ֆլիգելներից մեկը։ Այդ, իհարկե, ոչինչ, տեղափոխել կարելի է, բայց գլխավոր պատճառն այն է, որ ֆլիգելը նորոգում կպահանջի։
— Այո՛, առանց նորոգման յոլա չի գնա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մտածելուց հետո։— Եթե օրինակ, անկյունի ֆլիգելը հարմարեցնենք դեղատան համար, ապա, ես կարծում եմ, հարկավոր կլինի minimum մի հինգ հարյուր ռուբլի։ Անարդյունավետ ծախս է։
Փոքր֊ինչ լռեցին։
— Տասը տարի առաջ ես արդեն պատիվ եմ ունեցել զեկուցելու,— շարունակեց Անդրեյ Եֆիմիչը ցածր ձայնով,— որ այս հիվանդանոցն իր ներկա ձևով քաղաքի համար իր միջոցներին չհամապատասխանող պերճանք է։ Հիվանդանոցը կառուցվել է քառասնական թվականներին, բայց չէ՞ որ այն ժամանակ քաղաքի ունեցած միջոցներն այլ էին։ Քաղաքը չափազանց շատ փող է ծախսում ոչ֊պետքական կառուցումների և ավելորդ պաշտոնների վրա։ Ես կարծում եմ, այդ փողերով ուրիշ կարգերում կարելի էր երկու օրինակելի հիվանդանոց պահել։
— Դե, ուրեմն, եկեք այդ ուրիշ կարգերը մտցնենք,— իսկույն ասաց քաղաքային վարչության անդամը։
— Ես արդեն պատիվ ունեցել եմ զեկուցելու, հանձնեցեք զեմստվոյի տնօրինությանը։
— Այո՛, փողը հանձնեցեք զեմստվոյին, իսկ նա կգողանա,— ծիծաղեց շիկահեր բժիշկը։
— Ինչպես այդ ընդունված է,— համաձայնեց քաղաքային վարչության անդամը և նույնպես ծիծաղեց։
Անդրեյ Եֆիմիչը տարտամ ու աղոտ հայացքով նայեց շիկահեր բժշկին, ասաց.
— Արդարամիտ պետք է լինել։
Նորից լռեցին։ Թեյ մատուցեցին։ Զինվորական ատյանի պետը, որ, չգիտես թե ինչու, շատ էր շփոթված, սեղանի վրայով ձեռքը դիպցրեց Անդրեյ Եֆիմիչի ձեռքին և ասաց.
— Դուք մեզ բոլորովին մոռացել եք, բժի՛շկ։ Ասենք, դուք վանական եք. թուղթ չեք խաղում, կանանց չեք սիրում։ Մեզպեսների հետ լինելը ձեզ ձանձրացնում է։
Բոլորը խոսեցին այն մասին, թե կարգին մարդու համար որքան ձանձրալի է այդ քաղաքում ապրելը։ Ոչ թատրոն կա, ոչ երաժշտություն, իսկ վերջին պարերեկույթին ակումբում կար մոտ քսան դամա և միայն երկու կավալեր։ Երիտասարդները չեն պարում, այլ ամբողջ ժամանակ խռնվում են բուֆետի մոտ կամ թուղթ են խաղում։ Դանդաղ ու ցածրաձայն, ոչ ոքի չնայելով՝ Անդրեյ Եֆիմիչն սկսեց խոսել այն մասին, թե որքան ցավալի է, որքան շատ ցավալի, որ քաղաքացիները, իրենց կենսական էներգիան, իրենց սիրտն ու ուղեղը ծախսում են թղթախաղի ու բամբասանքի վրա, բայց չեն կարողանում ու չեն ցանկանամ ժամանակն անցկացնել հետաքրքրական զրույցով ու ընթերցանությամբ, չեն ցանկանում վայելել այն հաճույքը, որ խելքն է տալիս։ Միայն խելքն է հետաքրքրական և ուշագրավ, իսկ բոլոր մնացածը մանր և նվաստ բան է։ Խոբոտովն ուշադիր լսում էր իր պաշտոնակցին ու հանկարծ հարցրեց.
— Անդրեյ Եֆի՛միչ, այսօր ամսի քանի՞սն է։
Պատասխան ստանալով՝ նա և շիկահեր բժիշկը, իրենց հմուտ չլինելն զգացող հարցաքննողների տոնով սկսեցին հարցնել Անդրեյ Եֆիմիչին, թե այսօր ինչ օր է, տարին քանի օր ունի և ճիշտ է, որ համար 6 հիվանդասենյակում մի զարմանահրաշ մարգարե է ապրում։
Ի պատասխան վերջին հարցի՝ Անդրեյ Եֆիմիչը կարմրեց և ասաց.
— Այո՛, նա հիվանդ, բայց հետաքրքրական երիտասարդ է։
Այլևս նրան ոչ մի հարց չտվին։
Երբ նա նախասենյակում իր վերարկուն էր հագնում, զինվորական ատյանի պետը ձեռքը դրեց նրա ուսին ու հոգոց հանելով ասաց.
— Մեր՝ ծերերիս, հանգստի գնալու ժամանակն է։
Քաղաքային վարչությունից դուրս գալուց հետո Անգրեյ Եֆիմիչը հասկացավ, որ այդ մի հանձնաժողով էր, որը նշանակված էր իր մտավոր կարողություններն ստուգելու համար։ Նա վերհիշեց իրեն տրված հարցերը, կարմրեց և, չգիտես ինչու, այժմ առաջին անգամ իր կյանքում դառնորեն ափսոսաց բժշկագիտությունը։
«Աստվա՜ծ իմ,— մտածեց նա՝ վերհիշելով, թե հենց հիմա բժիշկներն ինչպես քննեցին իր առողջության վիճակը,— նրանք ախր այնքան վաղուց չէ, որ հոգեբուժության դասախոսություններ են լսել և քննություն տվել,— որտեղի՞ց է այդ կատարյալ տգիտությունը։ Նրանք հոգեբուժության մասին գաղափա՜ր չունեն»։
- Եվ իր կյանքում առաջին անգամ նա իրեն զգաց վիրավորված ու բարկացած։
Այդ նույն օրը երեկոյան նրա մոտ եղավ Միխայիլ Ավերյանիչը։ Առանց բարև ասելու՝ փոստի պետը մոտեցավ, բռնեց նրա զույգ ձեռքերը և հուզված ձայնով ասաց.
— Թանկագի՜նս, բարեկա՜մս, ապացուցեք ինձ, որ հավատում եք իմ անկեղծ բարեհաճ վերաբերմունքին և ինձ ձեր բարեկամն եք համարում... Բարեկա՜մս,— և Անդրեյ Եֆիմիչին խանգարելով խոսել՝ հուզված շարունակեց։— Ես ձեզ սիրում եմ ձեր կրթվածության և ձեր հոգու ազնվության համար։ Լսեցե՛ք ինձ, թանկագի՜նս։ Գիտության կանոնները պարտավորեցնում են բժիշկներին թաքցնելու ձեզանից ճշմարտությունը, բայց ես զինվորականի սովորությամբ ճշմարտությունը մարդու երեսին եմ ասում, դուք տկա՜ր եք։ Ներեցեք ինձ, թանկագի՛նս, բայց այդ ճշմարիտ է, այդ վաղուց են նկատել ձեր բոլոր շրջապատողները։ Հենց նոր բժիշկ Եվգենի Ֆյոդորիչն ինձ ասաց, որ ձեր առողջության համար ձեզ անհրաժեշտ է հանգստանալ և զվարճանալ։ Միանգամա՜յն ճիշտ է։ Հիանալի՜ է։ Մոտ օրերս ես արձակուրդ եմ վերցնելու և մեկնելու եմ մի քիչ այլ օդ շնչելու։ Ապացուցեցե՛ք, ուրեմն, որ դուք իմ բարեկամն եք,— միասի՜ն մեկնենք։ Գնա՛նք, մեր ջահելությունը վերհիշենք։
— Ես ինձ կատարելապես առողջ եմ զգում,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մտածելուց հետո։— Իսկ մեկնել չեմ կարող։ Թույլ տվեք ինձ որևէ այլ կերպ ապացուցել ձեզ իմ բարեկամությունը։
Մեկնել ինչ֊որ տեղ, չգիտես թե ինչու, առանց գրքերի, առանց Դարյուշկայի, առանց գարեջրի, կտրուկ կերպով խախտել կյանքի այն կարգը, որ հաստատվել է քսան տարվա ընթացքում,— այդպիսի միտքն առաջին րոպեին նրան վայրենի ու ֆանտաստիկ թվաց։ Բայց նա վերհիշեց քաղաքային վարչությունում եղած խոսակցությունը և այն ծանր տրամադրությունը, որ ունեցավ այնտեղից տուն վերադառնալիս, ու կարճ ժամանակով քաղաքից մեկնելու միտքը,— այն քաղաքից, որտեղ հիմար մարդիկ իրեն խելագար են համարում,— ժպտաց նրան։
— Իսկ դուք իսկապես ո՞ւր եք մտադիր գնալ,— հարցրեց նա։
— Մոսկվա, Պետերրուրգ, Վարշավա... Վարշավայում ես անց եմ կացրել իմ կյանքի հինգ երջանկագույն տարիները։ Ի՜նչ զմայլելի քաղաք է։ Գնանք, թանկագի՜նս։
XIII
Մի շաբաթ անց նրան առաջարկեցին հանգստանալ, այսինքն՝ հրաժարական տալ, որին նա անտարբեր վերաբերվեց, իսկ էլի մի շաբաթ անց՝ նա և Միխայիլ Ավերյանիչն արդեն նստած էին փոստային տարանտաս և գնում էին մերձավոր երկաթուղային կայարանը։ Զով, պարզ օրեր էին՝ կապույտ երկնքով ու վճիտ հեռաստանով։ Մինչև երկաթուղու կայարանը երկու հարյուր վերստ էր, որ նրանք կառքով անցան երկու օրում և ճանապարհին երկու անգամ գիշերեցին։ Երբ փոստակայաններում թեյը լավ չլվացած բաժակներով էին մատացում կամ ձիեր լծելը երկար էր տևում, Միխայիլ Ավերյանիչը կաս֊կարմրում, ցնցվում էր ամբողջ մարմնով ու բղավում. «Լռե՛լ, դատողություններ չանե՛լ»։ Իսկ տարանտասում նստած ժամանակ, առանց մի րոպե դադար առնելու, նա պատմում էր Կովկասում և Լեհական թագավորության մեջ կատարած իր ճանապարհորդությունների մասին։ Ինչքա՜ն արկածներ են եղել, ինչպիսի՜ հանդիպումներ։ Նա խոսում էր բարձրաձայն և միաժամանակ հայացքին զարմանքի այնպիսի արտահայտություն էր տալիս, որ կարելի էր կարծել, թե ստում է։ Ի հավելումն դրա՝ պատմելիս նա շնչում էր Անդրեյ Եֆիմիչի երեսին և քրքջում ուղղակի նրա ականջին։ Այդ բանը նեղում էր բժշկին և խանգարում նրան խորհելու և կենտրոնանալու։
Խնայողության նկատառումով գնում էին երկաթուղու երրորդ կարգով, չծխողների վագոնով։ Հասարակությունը կիսով չափ մաքուր էր։ Միխայիլ Ավերյանիչը շուտով բոլորի հետ ծանոթացավ և, նստարանից նստարան անցնելով, բարձրաձայն ասում էր, որ այս գարշելի ճանապարհներով չպետք է ճանապարհորդել։ Չո՜րս կողմդ խարդախություն է։ Ի՜նչ եմ ասել ձիով գնալուն. մի օրում հարյուր վերստ ճանապարհ կկտրես ու հետո քեզ առողջ և թարմ կզգաս։ Իսկ անբերրիությունը մեզ մոտ նրանից է, որ Պինայի հովտի ճահիճները ցամաքեցրել են։ Առհասարակ սոսկալի անկարգություն է։ Նա տաքանում էր, բա րձրաձայն խոսում և ուրիշներին խոսելու հերթ չէր տալիս։ Այդ անվերջ շաղակրատությունը, որ ընդմիջվում էր բարձրաձայն քրքիջով ու արտահայտիչ ժեստերով, հոգնեցրեց Անգրեյ Եֆիմիչին։
«Մեր երկուսից ո՞րն է խելագարը,— մտածում էր նա վրդովված,— արդյո՞ք ես, որ աշխատում եմ ուղևորներին ոչնչով չանհանգստացնել, թե այս եսամոլը, որ կարծում է, թե ինքն այստեղ բոլորից խելոք ու հետաքրքիր մարդն է, և այդ պատճառով ոչ ոքի հանգիստ չի տալիս»։
Մոսկվայում Միխայիլ Ավերյանիչը հագավ զինվորական սերթուկ առանց ուսադիրների և կարմիր կողաշերտով անդրավարտիք։ Փողոց դուրս գալիս նա զինվորական գլխարկ էր դնում և շինել հագնում, ու զինվորները նրան պատվի էին առնում։ Այժմ Անդրեյ Եֆիմիչին թվում էր, թե դա մի այնպիսի մարդ է, որն այն բոլոր աղայականից, որ ունեցել է ժամանակով, մսխել է ամենը, ինչ լավ է եղել, և իրեն պահել է միայն վատը։ Միխայիլ Ավերյանիչը սիրում էր, որ իրեն ծառայություն մատուցեն մինչև անգամ այն ժամանակ, երբ դա բոլորովին հարկավոր չէր։ Լուցկին դրված էր լինում նրա առաջ՝ սեղանի վրա, և նա տեսնում էր, բայց կանչում էր ծառային, որպեսզի լուցկին նա մատուցի իրեն. սպասուհու ներկայությամբ նա չէր քաշվում սպիտակեղենով շրջել. բոլոր լակեյներին անխտիր, մինչև անգամ ծերերին, դու էր ասում և բարկանալիս դդում ու հիմար էր անվանում։ Դա, ինչպես թվում էր Անդրեյ Եֆիմիչին, աղայավարի էր, բայց զզվելի։
Միխայիլ Ավերյանիչն իր բարեկամին ամենից առաջ տարավ Իվերսկայա՝ աստվածամորն աղոթելու։ Նա աղոթում էր ջերմորեն, ծունր դնելով ու արցունք թափելով, և երբ վերջացրեց, խոր հոգոց հանեց ու ասաց.
— Թեպետև չես հավատում, բայց երբ աղոթում ես, քեզ մի տեսակ ավելի հանգստացած ես զգում։ Համբուրեցեք սրբապատկերը, հոգի՛ս։
Անդրեյ Եֆիմիչը շփոթվեց ու համբուրեց սրբապատկերը, իսկ Միխայիլ Ավերյանիչը շրթունքները երկարացրեց և գլուխը օրորելով՝ շշնջյունով աղոթեց, և նրա աչքերում նորից արցունքներ երևացին։ Ապա գնացին Կրեմլ և այնտեղ դիտեցին ու մինչև անգամ մատներով շոշափեցին Թնդանոթ֊արքան ու Զանգ֊արքան, հիացան Զամոսկվորեչյեի տեսարանով, եղան Փրկչի տաճարում և Ռումյանցևյան թանգարանում։
Ճաշեցին Տեստովի ճաշարանում։ Միխայիլ Ավերյանիչը այտամորուքները հարդարելով, երկար զննեց ճաշացուցակը և գուրմանի տոնով, որ սովորել է ճաշարաններում իրեն զգալ ինչպես իրենց տանը, ասաց.
— Տեսնենք, այսօր մեզ ինչով եք կերակրելու, հրեշտա՛կս։
XIV
Բժիշկը շրջում էր, դիտում, ուտում, խմում, բայց նա ուներ մի զգացում,— դժգոհություն Միխայիլ Ավերյանիչից։ Նա ուզում էր հանգստանալ իր բարեկամից, հեռանալ նրանից, թաքնվել, իսկ բարեկամն իր պարտքն էր համարում՝ ոչ մի քայլ իրենից հեռու չթողնել և կարելույն չափ շատ զվարճություն պատճառել նրան։ Երբ նայելու բան չէր լինում, Միխայիլ Ավերյանիչն իր բարեկամին զվարճացնում էր զրույցով։ Երկու օր համբերեց Անդրեյ Եֆիմիչը, բայց երրորդ օրը հայտարարեց իր բարեկամին, որ ինքը հիվանդ է և ցանկանում է ամբողջ օրը տանը մնալ։ Բարեկամը ասաց, որ այդ դեպքում ինքն էլ է մնում։ Իրոք որ, հարկավոր է հանգստանալ, ապա թե ոչ այսպիսով մարդու ոտքերը հալից կընկնեն։ Անդրեյ Եֆիմիչը պառկեց բազմոցի վրա, երեսը դարձրեց նրա թիկունքի կողմը և ատամները սեղմելով՝ լսում էր իր բարեկամին, որը եռանդագին համոզում էր նրան, որ Ֆրանսիան վաղ թե ուշ անպայման կջախջախի Գերմանիային, որ Մոսկվայում խիստ շատ սրիկաներ կան և որ ձիու արտաքին տեսքով չի կարելի դատել նրա արժանիքների մասին, Բժշկի ականջներն սկսեցին դժժալ ու սիրտը՝ թրթռալ, բայց քաղաքավարությունից դրդված, նա սիրտ չէր անում խնդրել բարեկամին, որ նա դուրս գնա կամ լռի։ Բարեբախտաբար համարում նստելը Միխայիլ Ավերյանիչին ձանձրացրեց, և ճաշից հետո նա գնաց զբոսնելու։
Մենակ մնալով՝ Անդրեյ Եֆիմիչն անձնատուր եղավ հանգստի զգացումին։ Ի՜նչ հաճելի է անշարժ պառկել բազմոցի վրա ու գիտակցել, որ դու մենակ ես սենյակում։ Իսկական երջանկությունն առանց մենակության անհնար է։ Աստծո աչքից ընկած հրեշտակը նրան դավաճանեց հավանորեն այն պատճառով, որ ցանկացել էր միայնություն, որից հրեշտակները զուրկ են։ Անդրեյ Եֆիմիչը ուզում էր մտածել այն մասին, ինչ վերջին օրերս տեսել ու լսել էր, բայց Միխայիլ Ավերյանիչը նրա մտքից չէր հեռանում։
«Բայց չէ՞ որ նա բարեկամությունից, մեծահոգությունից դրդված՝ արձակուրդ վերցրեց և ինձ հետ եկավ,— մտածեց բժիշկը դժգոհելով։— Չկա՛ ավելի վատ բան, քան այդ բարեկամական խնամակալությունը։ Չէ՞ որ ահա կարծես և՛ բարի է, և՛ մեծահոգի, և՛ զվարճասեր, բայց ձանձրացնում է։ Անտանելի է ձանձրացնում։ Ճիշտ այսպես էլ ահա լինում են մարդիկ, որոնք միշտ միայն խելոք ու լավ խոսքեր են ասում, բայց զգում ես, որ նրանք բթամիտ մարդիկ են»։
Դրան հաջորդող օրերին Անդրեյ Եֆիմիչը հիվանդ էր ձևանում ու համարից դուրս չէր գալիս։ Նա պառկում էր երեսը դեպի բազմոցի թիկունքը դարձրած և տանջվում էր, երբ իր բարեկամը զրույցով զվարճացնում էր նրան, կամ հանգստանում, երբ բացակայում էր բարեկամը։ Նա դժգոհում էր իրենից այն բանի համար, որ եկավ, և՛ բարեկամից, որ օրեցօր ավելի շաղակրատ էր դառնում և ավելի ազատ էր պահում իրեն։ Անդրեյ Եֆիմիչին ոչ մի կերպ չէր հաջողվում իր մտքերին տալ լուրջ ու վսեմ ընթացք։
«Այդ իմ մեջ թափանցում է իրականությունը, որի մասին խոսամ էր Իվան Դմիտրիչը,— մտածում էր նա՝ բարկանալով իր մանրակրկիտության վրա։— Սակայն, դատարկ բան է... Տուն կգնամ, և ամեն ինչ հին կարգով կընթանա...»։
Պետերբուրգում ևս նույնն էր. նա ամբողջ օրերով համարից դուրս չէր գալիս, պառկում էր բազմոցի վրա և վեր էր կենում միայն նրա համար, որպեսզի գարեջուր խմի։
Միխայիլ Ավերյանիչն անդադար շտապեցնում էր Վարշավա մեկնել։
— Թանկագի՛նս, ես ինչո՛ւ գնամ այնտեղ,— ասում էր Անդրեյ Եֆիմիչն աղերսող ձայնով։— Մենա՜կ գնացեք, իսկ ինձ թույլ տվեք տուն մեկնել։ Խնդրո՜ւմ եմ ձեզ։
— Ո՛չ մի դեպքում,— բողոքում էր Միխայիլ Ավերյանիչը։— Այդ զմայլելի քաղաք է։ Ես իմ կյանքի հինգ երջանկագույն տարիներն այնտեղ եմ անցկացրել։
Անդրեյ Եֆիմիչը կամքի ուժ չուներ իր ասածը պնդելու, և նա, իրեն զսպելով, Վարշավա գնաց։ Այստեղ նա համարից դուրս չէր գալիս, պառկում էր բազմոցին և չարանում իր վրա, իր բարեկամի վրա և լակեյների վրա, որոնք համառորեն հրաժարվում էին ռուսերեն հասկանալ, իսկ Միխայիլ Ավերյանիչը՝ ըստ սովորականի առողջ, կայտառ և ուրախ՝ առավոտից մինչև երեկո զբոսնում էր քաղաքում և փնտրում իր հին ծանոթներին։ Մի քանի անգամ նա տանը չգիշերեց։ Մի գիշերից հետո էլ, որ հայտնի չէ, թե որտեղ էր անցկացրել, նա վաղ առավոտյան տուն վերադարձավ խիստ գրգռված վիճակում, կարմրած ու չսանրված։ Նա երկար ժամանակ մի անկյունից մյուսն էր քայլում՝ ինքն իրեն ինչ֊որ բան քրթմնջալով, հետո կանգ առավ, ասաց.
— Պատիվն ամենի՜ց առաջ։
Մի փոքր էլ երթևեկելուց հետո նա բռնեց գլուխը և տրագիկ ձայնով ասաց.
— Այո՛, պատիվն ամենի՜ց առաջ։ Թո՛ղ անիծյալ լինի այն րոպեն, երբ առաջին անգամ իմ գլխում այս Բաբելոնը գալու միտքը ծագեց։ Թանկագի՛նս,— դիմեց նա բժշկին,— արհամարհեցեք ինձ, ես ահագին գումար տանուլ տվեցի։ Ինձ հինգ հարյուր ռուբլի փող տվեք։
Անդրեյ Եֆիմիչը համրեց հինգ հարյուր ռուբլի ու լուռ տվեց իր բարեկամին։ Սա՝ ամոթից ու բարկությունից դեռևս կաս֊կարմիր դեմքով, անկապ բառերով ինչ֊որ ավելորդ բան երդվեց, գլխարկը ծածկեց ու դուրս գնաց։ Մի երկու ժամից հետո վերադառնալով՝ նա ընկավ բազկաթոռին, բարձրաձայն հառաչեց ու ասաց.
— Պատիվս փրկվա՜ծ է։ Մեկնե՛նք, բարեկամս։ Ես չեմ ցանկանում ոչ մի րոպե մնալ այս անիծյալ քաղաքում։ Սրիկանե՜ր։ Ավստրիական լրտեսներ։
Երբ բարեկամները իրենց քաղաքը վերադարձան, արդեն նոյեմբեր ամիսն էր, և փողոցներում խոր ձյուն էր նստել։ Անդրեյ Եֆիմիչի տեղը գրավել էր բժիշկ Խոբոտովը. նա դեռ ապրում էր իր հին բնակարանում, սպասելով, որ Անդրեյ Եֆիմիչը վերադառնա և ազատի հիվանդանոցում գրաված իր բնակարանը։ Տգեղ կինը, որին նա իր խոհարարուհին էր անվանում, արդեն ապրում էր ֆլիգելներից մեկում։
Քաղաքում հիվանդանոցային նոր բամբասանքներ էին շրջում։ Ասում էին, թե տգեղ կինը կռվել է վերակացուի հետ, և սա, իբր, ծնկների վրա սողացել է նրա առաջ՝ ներում խնդրելով։
նդրեյ Եֆիմիչն իր ժամանման առաջին իսկ օրը հարկադրված եղավ իր համար բնակարան փնտրել։
— Բարեկամս,— ասաց նրան փոստի պետը երկչոտ տոնով,— ներեցեք անհամեստ հարցս, դուք ի՞նչ միջոցներ ունեք։
Անդրեյ եֆիմիչը լռությամբ հաշվեց իր փողերը և ասաց.
— Ութսունվեց ռուբլի։
— Ես այդ չեմ հարցնում,— շփոթված ասաց Միխայիլ Ավերյանիչը՝ բժշկին չհասկանալով։— Ես հարցնում եմ, թե դուք ընդհանրապես ինչ միջոցներ ունեք։
— Ես էլ դե ասում եմ ձեզ, ութսունվեց ռուբլի... ես ուրիշ ոչինչ չունեմ։
Միխայիլ Ավերյանիչը բժշկին ազնիվ և առաքինի մարդ էր համարում, բայց և այնպես կարծում էր, որ նա առնվազն մի քսան հազարանոց կապիտալ ունի։ Իսկ այժմ, երբ իմացավ, որ Անդրեյ Եֆիմիչն աղքատ է, որ նա ապրուստի միջոց չունի, չգիտես ինչու, հանկարծ լաց եղավ ու գրկեց իր բարեկամին։
XV
Անդրեյ Եֆիմիչն ապրում էր քաղքենուհի Բելովայի երեք պատուհան ունեցող տնակում։ Այդ տնակում կար միայն երեք սենյակ՝ չհաշված խոհանոցը։ Դրանցից երկուսը, որոնց պատուհանները բացվում էին փողոցի վրա, զբաղեցրել էր բժիշկը, իսկ երրորդում և խոհանոցում ապրում էին Դարյուշկան և քաղքենուհին՝ իր երեք երեխաներով։ Երբեմն տանտիրուհու մոտ գիշերելու էր գալիս նրա սիրեկանը՝ մի հարբած գեղջուկ, որ գիշերները մոլեգնում և սարսափ էր ազդում երեխաների ու Դարյուշկայի վրա։ Երբ նա գալիս էր և, խոհանոցում նստելով՝ սկսում էր օղի պահանջել, բոլորն էլ խիստ նեղվածք էին զգում, և բժիշկը, խղճալով, իր մոտ էր տանում լացող երեխաներին, քնեցնում էր իր բնակարանի հատակին, և այդ մեծ բավականություն էր պատճառում նրան։
Առաջվա պես նա վեր էր կենում ժամը ութին և թեյից հետո նստում էր իր հին գրքերն ու ժուռնալները կարդալու։ Նորերի համար նա արդեն փող չուներ։ Արդյոք նրանի՞ց էր, որ գրքերը հին էին, թե, միգուցե, շրջապատի փոփոխությունից՝ ընթերցանությունն այլևս խորությամբ չէր հափշտակում նրան ու հոգնեցնում էր։ Ժամանակը պարապ չանցկացնելու համար նա կազմում էր իր գրքերի մանրամասն ցուցակը և նրանց կողերին պիտակներ էր փակցնում, և այդ մեխանիկական, մանրակրկիտ աշխատանքը նրան ավելի հետաքրքրական էր թվում, քան ընթերցանությունը։ Միապաղաղ, մանրակրկիտ աշխատանքը մի ինչ֊որ անհասկանալի ձևով օրորում էր նրա մտքերը, նա ոչնչի մասին չէր մտածում, ու ժամանակն արագ էր անցնում։ Մինչև անգամ խոհանոցում նստելը և Դարյուշկայի հետ կարտոֆիլ կճպելը կամ նարինջ մաքրելը նրան հետաքրքրական էր թվում։ Շաբաթ և կիրակի օրերը նա եկեղեցի էր գնում։ Պատի մոտ կանգնելով ու աչքերը կիսախուփ անելով՝ նա լսում էր երգեցողությունը և մտածում էր իր հոր մասին, մոր մասին, համալսարանի, կրոնների մասին. նրան անդորրություն էր պատում, տխրություն ու հետո, եկեղեցուց հեռանալիս՝ նա ափսոսում էր, որ ժամերգությունն այդքան շուտ վերջացավ։
Նա երկու անգամ գնաց հիվանդանոց՝ Իվան Դմիտրիչի մոտ, նրա հետ զրուցելու։ Բայց երկու անգամն էլ Իվան Դմիտրիչը արտասովոր գրգռված ու չարացած էր. նա խնդրում էր հանգիստ թողնել իրեն, որովհետև դատարկ շաղակրատությունը նրան արդեն վաղուց է ձանձրացրել, և ասում էր, որ իր բոլոր տառապանքների համար նա անիծված, ստոր մարդկանցից խնդրում է միայն մի պարգև՝ մեկուսի բանտարկություն։ Մի՞թե մինչև անգամ այդ բանը մերժում են իրեն։ Երկու անգամն էլ, երբ Անդրեյ Եֆիմիչը հրաժեշտ էր տալիս նրան և բարի գիշեր մաղթում, նա բարկանում էր և ասում.
— Գրողի ծոցը։
Եվ Անդրեյ Եֆիմիչն այժմ չգիտեր՝ արդյո՞ք երրորդ անգամ գնա, թե ոչ։ Իսկ գնալ ուզում էր։
Առաջներում հետճաշյա ժամերին Անդրեյ Եֆիմիչը շրջում էր սենյակում և մտածում, իսկ հիմա ճաշից մինչև երեկոյան թեյը նա պառկում էր բազմոցի վրա՝ երեսը դեպի նրա թիկունքր դարձրած և անձնատուր էր լինում մանրախնդիր մտքերի, որոնց ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել։ Նա իրեն վիրավորված էր զգում, որ իր ավելի քան քսանամյա ծառայության համար իրեն չտվին ոչ կենսաթոշակ, ոչ միանվագ նպաստ։ Ճիշտ է, նա ազնվորեն չի ծառայել, բայց չէ՞ որ կենսաթոշակ ստանում են բոլոր ծառայողներն անխտիր՝ ազնիվ են նրանք, թե ոչ։ Ժամանակակից արդարությունն էլ հենց այն է, որ աստիճաններով, շքանշաններով և կենսաթոշակով պարգևատրվում են ոչ թե բարոյական հատկություններն ու ընդունակությունները, այլ առհասարակ ծառայությունը՝ ինչպես էլ նա լինի։ Ինչո՞ւ ուրեմն միայն Անդրեյ Եֆիմիչը պետք է բացառություն կազմի։ Նա բոլորովին փող չուներ։ Ամաչում էր անցնել կրպակի մոտով և նայել կրպակի տիրուհուն։ Գարեջրի համար արդեն պարտ են երեսուներկու ռուբլի։ Քաղքենուհի Բելովային նույնպես պարտ են։ Դարյուշկան կամաց֊կամաց վաճառում է հին հագուստներն ու գրքերը և տանտիրուհուն խաբում, թե բժիշկը շուտով անչափ շատ փող է ստանալու։
Նա բարկանամ էր իր վրա, որ ճանապարհորդության ժամանակ ծախսեց իր հավաքած հազար ռուբլին։ Ինչպե՜ս պետք կգար հիմա այդ հազարը։ Նա վրդովվում է, որ մարդիկ իրեն հանգիստ չեն թողնում։ Խոբոտովն իր պարտքն էր համարում երբեմնապես այցելելու իր հիվանդ պաշտոնակցին։ Նրա ամեն ինչն ատելի էր Անդրեյ Եֆիմիչին. և՛ կուշտ մարդու դեմքը, և գռեհիկ, ներողամիտ տոնը, և՛ «պաշտոնակից» բառը, և՛ սապոգները. իսկ ամենից զզվելին այն էր, որ նա իր պարտականությունն էր համարում բժշկել Անդրեյ Եֆիմիչին և կարծում էր, թե իրոք բժշկում է։ Իր ամեն մի այցելության ժամանակ նա բերում էր մի սրվակ բրոմակալիում և խավարծիլի հաբեր։
Միխայիլ Ավերյանիչը ևս իր պարտքն էր համարում այցելել բարեկամին ու զվարճացնել նրան։ Ամեն անգամ Անդրեյ Եֆիմիչի մոտ նա մտնում էր արհեստական անկաշկանդությամբ, բռնազբոսիկ քրքջում էր ու սկսում հավատացնել, թե նա այսօր հիանալի տեսք անի և թե, փառք աստծո, բանը դեպի լավն է գնում, և դրանից կարելի էր եզրակացնել, որ իր բարեկամի դրությունը նա անհուսալի էր համարում։ Նա դեռևս Վարշավայի իր պարտքը չէր վճարել և ամոթի ծանր զգացումից ճնշվում էր, լարված էր, ուստիև ջանում էր ավելի բարձրաձայն ծիծաղել և ամեն ինչ ավելի ծիծաղելի պատմել։ Նրա անեկդոտներն ու պատմությունները հիմա անվերջ էին թվում ու տանջալի էին թե՛ Անդրեյ Եֆիմիչի, թե՛ հենց իր համար։
Նրա ներկայությամբ Անդրեյ Եֆիմիչը սովորաբար պառկում էր բազմոցի վրա՝ երեսը դեպի պատը դարձրած և լսում էր ատամները սեղմած։ Նրա հոգու վրա շերտ առ շերտ մաղձ էր նստում, և բարեկամի ամեն մի այցելությունից հետո նա զգում էր, որ այդ մաղձն ավելի ու ավելի է բարձրանում և ասես հասնում է կոկորդին։
Մանրախնդիր զգացումները խեղդելու համար նա շտապում էր մտածել այն մասին, որ թե՛ ինքը, թե՛ Խոբոտովը, թե՛ Միխայիլ Ավերյանիչը վաղ թե ուշ պետք է ոչնչանան՝ բնության մեջ նույնիսկ հետք չթողնելով։ Եթե երևակայենք, որ մի միլիոն տարուց հետո երկրագնդի մոտով տիեզերքի տարածության մեջ մի որևէ ոգի կթռչի, ապա նա կտեսնի միայն հող ու մերկ ժայռեր։ Բոլորը,— և՛ կուլտուրան, և՛ բարոյական օրենքը,— կկործանվի և մինչև անգամ կռատուկ չի բուսի նրանց տեղը։ Ուրեմն, ի՞նչ է ամոթը խանութպանի հանդեպ, չնչին Խոբոտովը, Միխայիլ Ավերյանիչի ծանր բարեկամությունը։ Այդ բոլորն անմիտ ու դատարկ բան է։
Բայց այսպիսի դատողություններն արդեն չէին օգնում։ Նա հազիվ էր պատկերացնում երկրագունդը մի միլիոն տարի հետո, որ մերկ ժայռի հետևից իսկույն երևում էր սապոգներ հագած Խոբոտովը կամ բռնի քրքջացող Միխայիլ Ավերյանիչը, և մինչև անգամ լսվում էր նրա ամաչկոտ շշնջյունը. «Իսկ Վարշավայի պարտքը, սիրելի՛ս, մոտ օրերս կվերադարձնեմ... Անպայմա՛ն»։
XVI
Մի անգամ Միխայիլ Ավերյանիչը եկավ ճաշից հետո, երբ Անգրեյ Եֆիմիչը պառկած էր բազմոցի վրա։ Այնպես պատահեց, որ այդ իսկ ժամանակ հայտնվեց և Խոբոտովը իր բրոմակալիումով։ Անգրեյ Եֆիմիչը ծանրորեն բարձրացավ տեղից, նստեց և երկու ձեռքով հենվեց բազմոցին։
— Իսկ այսօր, թանկագի՞նս,— սկսեց Միխայիլ Ավերյանիչը,— ձեր երեսի գույնը շատ ավելի լավ է, քան երեկ։ Կեցցե ք։ Աստվա՜ծ վկա, քաջ եք։
— Ժամանակն է, ժամանակն է կազդուրվել, կոլե՞գա,— ասաց Խոբոտովը՝ հորանջելով։— Երևի հենց ձեզ էլ է ձանձրացրել այս կանիտելը։
— Եվ կկազդուրվե՛նք,— ուրախ ասաց Միխայիլ Ավերյանիչը։— Դեռ մի հարյուր տարի էլ կապրենք։ Հապա՜։
— Հարյուր չէ՜, այդ մի քիչ շատ ասացիք, բայց մի քսան տարի կկարողանանք,— մխիթարում էր Խոբոտովը։— Ոչի՛նչ, ոչի՛նչ, կոլեգա, մի՛ վհատվեք... Բավական է բանը մթագնեք։
— Մենք դեռ ցո՜ւյց կտանք մեզ,— քրքջաց Միխայիլ Ավերյանիչը և ձեռքով թփթփացրեց իր բարեկամի ծունկը։— Մենք դեռ ցույց կտանք։ Եկող ամառ, աստված հաջողի, հուպ կտանք դեպի Կովկաս և այդ ամբողջ երկիրը ձիով կշրջենք,— հո՛փ֊ հո՛փ֊հո՛փ։ Իսկ երբ Կովկասից վերադառնանք, ով գիտի, գուցե դեռ հարսանիքում էլ քեֆ անենք։— Միխայիլ Ավերյանիչը խորամանկորեն աչքով արեց։— Կամուսնացնենք ձեզ, մեր սիրելի բարեկամին... կամուսնացնենք...
Անդրեյ Եֆիմիչը հանկարծ զգաց, որ հեղձամաղձը բարձրանում է դեպի իր կոկորդը, նրա սիրտը սոսկալի բաբախեց։
— Այդ գռեհկությո՜ւն է,— ասաց նա՝ արագ տեղից վեր կենալով և ետ քաշվելով դեպի պատուհանը։— Մի՞թե դուք չեք հասկանում, որ գռեհիկ բաներ եք ասում։
Նա ուզում էր շարունակել մեղմ ու քաղաքավարի տոնով, բայց իր կամքին հակառակ՝ հանկարծ բռունցքները սեղմեց ու գլխից վեր բարձրացրեց։
— Թողե՛ք ինձ,— գոռաց նա զարհուրելի ձայնով՝ կաս֊կարմիր կտրած, ողջ մարմնով դողալով.— Դո՛ւրս։ Երկո՜ւսդ էլ դուրս, երկո՜ւսդ էլ։
Միխայիլ Ավերյանիչն ու Խոբոտովը ոտքի կանգնեցին և հայացքները սևեռեցին նրան, սկզբում տարակուսանքով, ապա սարսափած։
— Երկո՜ւսդ էլ դուրս,— շարունակում էր բղավել Անդրեյ Եֆիմիչը։— Բո՛ւթ մարդիկ։ Հիմա՛ր մարդիկ։ Ինձ պետք չեն ո՛չ բարեկամություն, ո՛չ էլ քո դեղերը, բթամի՜տ մարդ։ Այդ գռեհկություն է։ Գարշելի վարմունք։
Խոբոտովն ու Միխայիլ Ավերյանիչը՝ շվաթված իրար երեսի նայելով, ետ֊ետ գնացին դեպի դուռը և նախասենյակ դուրս եկան։ Անդրեյ Եֆիմիչն արագ վերցրեց բրոմակալիումի սրվակը և շպրտեց նրանց հետևից. սրվակը զնգոցով դիպավ շեմքին ու ջարդվեց։
— Կորե՛ք գրողի ծոցը,— բղավեց նա ողբաձայն՝ նախասենյակ դուրս վազելով։— Կորե՜ք։
Հյուրերի հեռանալուց Հետո Անդրեյ Եֆիմիչը դողալով, ասես ջերմի մեջ, պառկեց բազմոցի վրա և դեռ երկար կրկնում էր.
— Բթամի՜տ մարդիկ։ Հիմա՜ ր մարդիկ։
Երբ նա հանգստացավ, ամենից առաջ նրա գլխում ծագեց այն միտքը, որ խեղճ Միխայիլ Ավերյանիչը հիմա հավանորեն սաստիկ ամաչում է և ծանր հոգեվիճակ է ապրում, և որ այդ բոլորը սոսկալի է։ Առաջներում երբեք ոչ մի այսպիսի բան չէր պատահել։ Էլ որտե՞ղ էր իր խելքն ու տակտը։ Որտե՞ղ էր իրերի ըմբռնումն ու փիլիսոփայական անտարբերությունը։
Ամոթից և ինքն իր դեմ զայրանալուց բժիշկն ամբողջ գիշերը չկարողացավ քնել, իսկ առավոտյան, մոտ ժամը տասին, գնաց փոստի գրասենյակը և փոստի պետից ներողություն խնդրեց։
— Չհիշենք այն, ինչ կատարվել է,— հոգոց հանելով ասաց զգացված Միխայիլ Ավերյանիչը՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։— Ով հինը հիշի՝ աչքը դուրս թռչի։ Լյուբավկի՛ն,— հանկարծ կանչեց նա այնպիսի բարձր ձայնով, որ բոլոր փոստատարներն ու հաճախորդները ցնցվեցին։— Աթոռ տուր։ Իսկ դու սպասի՛ր,— բղավեց նա մի հասարակ կնոջ, որը ճաղերի արանքով պատվիրած նամակ էր մեկնում իրեն։— Մի՞թե չես տեսնում, որ ես զբաղված եմ։ Հինը չհիշենք,— շարունակեց նա քնքշորեն՝ Անդրեյ Եֆիմիչին դառնալով։— Նստե՛ք, խոնարհաբար խնդրում եմ, թանկագինս։
Նա մի րոպե լուռ շփեց իր ծնկները, ապա ասաց.
— Իմ մտքով էլ չէր անցնում վիրավորվել ձեզանից։ Հիվանդությունը մարդու եղբայր չէ, ես այդ հասկանում եմ։ Երեկ ձեր նոպան ինձ և բժշկին վախեցրեց, և մենք հետո երկար խոսեցինք ձեր մասին։ Թանկագի՜նս, դուք ինչո՞ւ չեք ցանկանում լրջորեն զբաղվել ձեր հիվանդությամբ։ Մի՞թե կարելի է այդպես։ Ներեցեք բարեկամական անկեղծությանս,— շշնջաց Միխայիլ Ավերյանիչը,— դուք ապրում եք ամենաանբարենպաստ պայմաններում. նեղվածք է, անմաքրություն, ձեզ խնամող չկա, բժշկվելու համար միջոցներ չունեք... Թանկագին բարեկամս, բժշկի հետ միասին հոգով֊սրտով աղաչում ենք ձեզ, լսեցեք մեր խորհուրդը, հիվանդանոց պառկեցեք։ Այնտեղ թե՛ սնունդն է առողջարար, թե՛ խնամք կա, թե՛ բժշկություն։ Եվգենի Ֆյոդորիչը թեպետև մովետոն է, մեր մեջ ասած, բայց գիտակ մարդ է, նրան լիովին կարելի է վստահել։ Նա ինձ խոսք է տվել, որ ձեզանով կզբաղվի։
Անդրեյ Եֆիմիչն զգացվեց անկեղծ սրտացավությունից և այն արցունքներից, որոնք հանկարծ փայլեցին փոստի պետի այտերի վրա։
— Հարգելի՛ս, չհավատաք,— շշնջաց նա՝ ձեռքը սրտին դնելով։ Չհավատա՜ք դրանց։ Այդ խաբեությո՜ւն է։ Իմ հիվանդությունը միայն այն է, որ քսան տարվա ընթացքում ամբողջ քաղաքում ես միայն մի խելոք մարդ գտա, այն էլ խելագար է։ Ո՛չ մի հիվանդություն չկա, ես պարզապես ընկել եմ մի կախարդական շրջան, որից ելք չկա։ Ինձ համար միևնույն է, ես ամեն բանի պատրաստ եմ։
— Հիվանդանոց պառկեք, թանկագինս։
— Ինձ համար միևնույն է, թեկուզ փոսում։
— Խոսք տվեք, հոգիս, որ ամեն բանում կլսեք Եվգենի Ֆյոդորիչին։
— Համեցե՛ք, խոսք եմ տալիս։ Բայց, կրկնում եմ, հարգելիս, ես կախարդական շրջան եմ ընկել։ Հիմա ամեն ինչ մինչև անգամ իմ բարեկամների անկեղծ սրտացավությունը մի հակում ունի՝ նպաստել իմ կործանմանը։ Ես խորտակվում եմ և արիություն ունեմ գիտակցելու այդ։
— Հոգի՛ս, դուք կառողջանաք։
— Այդ ինչո՞ւ եք ասում,— վրդովմունքով ասաց Անդրեյ Եֆիմիչը։— Հազվագյուտ մարդ կլինի, որ իր կյանքի վերջում չզգա այն, ինչ ես եմ զգում հիմա։ Երբ ձեզ ասեն, թե կարծես ձեր երիկամներն են վատ կամ սիրտն է մեծացած, և դուք սկսեք բուժվել, կամ թե ասենք՝ դուք խելագար եք կամ ոճրագործ, այսինքն, մի խոսքով, երբ մարդիկ հանկարծ ուշադրություն դարձնեն ձեզ վրա,— իմացե՛ք, որ դուք կախարդական շրջան եք ընկել, որից այլևս դուրս չեք գալու։ Կջանաք դուրս գալ և է՛լ ավելի կմոլորվեք։ Անձնատուր եղեք, որովհետև ձեզ այլևս ոչ մի մարդկային ճիգ չի փրկի։ Ինձ այսպես է թվում։
Մինչ այդ, ճաղերի մոտ հասարակություն էր հավաքվել։ Չխանգարելու համար Անդրեյ Եֆիմիչը ոտքի կանգնեց ու սկսեց հրաժեշտ տալ։ Միխայիլ Ավերյանիչը մի անգամ էլ ազնիվ խոսք առավ նրանից և ճանապարհ դրեց մինչև դրսի դուռը։
Այդ նույն օրը, երեկոյան դեմ, Անդրեյ Եֆիմիչի մոտ անսպասելիորևն եկավ կիսամուշտակ և սապոգներ հագած Խոբոտովը և ասաց այնպիսի տոնով, կարծես թե երեկ ոչինչ չէր պատահել.
— Իսկ ես ձեզ մոտ գործով եմ եկել, կոլե՛գա։ Եկել եմ հրավիրելու ձեզ. արդյոք չե՞ք ցանկանա ինձ հետ կոնսիլիումի գնալ, հը՞։
Կարծելով, թե Խոբոտովն ուզում է զբոսանքով զվարճացնել իրեն կամ իսկապես վաստակելու հնարավորություն ընձեռել, Անդրեյ Եֆիմիչը հագնվեց և նրա հետ միասին փողոց դուրս եկավ։ Սա ուրախ էր, որ իր երեկվա մեղքը քավելու և հաշտվելու առիթ է ներկայանում և իր հոգու խորքում շնորհակալ էր Խոբոտովից, որը մինչև անգամ ակնարկ չարեց երեկվա դեպքի մասին. ըստ երևույթին, խնայում էր։ Այդ անկուլտուրական մարդուց այդպիսի քաղաքավարություն դժվար էր սպասել։
— Իսկ ձեր հիվանդը որտե՞ղ է,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը։
— Ինձ մոտ՝ հիվանդանոցում։ Վաղուց է, որ ես ցանկանում էի ցույց տալ ձեզ... Խիստ հետաքրքրական դեպք է։
Մտան հիվանդանոցի բակը և, գլխավոր շենքը շրջանցելով, ուղղվեցին դեպի այն ֆլիգելը, որտեղ խելագարներն էին տեղավորված։ Եվ այդ բոլորը, չգիտես ինչու, լռելյայն։ Երբ ֆլիգել մտան, Նիկիտան ըստ սովորականի՝ թռավ, ոտքի կանգնեց ու ձգվեց,
— Այստեղ մեկի թոքերին բարդություն է պատահել,— ասաց Խոբոտովը կիսաձայն՝ Անդրեյ Եֆիմիչի հետ հիվանդասենյակ մտնելով։— Դուք այստեղ սպասեցեք, ես իսկույն կգամ։ Գնամ միայն ստետոսկոպը բերելու։
Ու դուրս գնաց։
XVII
Արդեն երեկոյանում էր։ Իվան Դմիտրիչը, երեսը բարձի մեջ թաղած, պառկած էր իր անկողնի վրա. կաթվածահարը անշարժ նստած՝ կամացուկ լալիս էր և շրթունքները շարժում։ Հաստ գեղջուկը և նախկին տեսակավորողը քնած էին։ Լռություն էր տիրում։
Անդրեյ Եֆիմիչը նստած էր Իվան Դմիտրիչի մահճակալի վրա և սպասում էր։ Բայց անցավ մոտ կես ժամ, և Խոբոտովի փոխարեն հիվանդասենյակ մտավ Նիկիտան՝ գրկին բռնած մի խալաթ, ինչ֊որ մեկի սպիտակեղենը և տուֆլիները։
— Համեցե՛ք հագնվելու, ձերդ գերազանցություն,— կամացուկ ասաց նա։— Ահա ձեր անկողնիկը, համեցեք այստեղ,— ավելացրեց նա, մատնացույց անելով մի դատարկ, ըստ երևույթին, նոր բերած մահճակալ։— Ոչի՛նչ, աստուծով կառողջանաք։
Անդրեյ Եֆիմիչը բոլորը հասկացավ։ Նա, առանց մի խոսք ասելու, անցավ դեպի Նիկիտայի մատնանշած մահճակալը և նստեց. տեսնելով, որ Նիկիտան կանգնած սպասում է, նա հանվեց, մերկացավ և ամաչեց։ Հետո հագավ հիվանդանոցային զգեստը. վարտիքը շատ կարճ էր, շապիկը՝ երկար, իսկ խալաթից ապխտած ձկան հոտ էր գալիս։
— Կառողջանաք աստուծով,— կրկնեց Նիկիտան։ Նա իր գիրկը հավաքեց Անդրեյ Եֆիմիչի հագուստը, դուրս գնաց և իր հետևից դուռը ծածկեց։
«Միևնույն է...— մտածեց Անդրեյ Եֆիմիչը՝ ամաչկոտությամբ խալաթի մեջ փաթաթվելով և նկատելով, որ իր նոր կոստյումը հագած՝ նա նման է կալանավորի։— Միևնույն է... Միևնույն է, թե՛ ֆրակ, թե՛ մունդիր, թե՛ այս խալաթը»...
Բայց ժամացույցի բանն ինչպե՞ս կլինի։ Իսկ հուշատե՞տրը, որ կողքի գրպանում էր։ Իսկ գլանակնե՞րը։ Նիկիտան հագուստն ո՞ւր տարավ։ Հիմա թերևս մինչև մահ անդրավարտիք, ժիլետ և կոշիկներ հագնելու առիթ չի լինի։ Սկզբնական շրջանում այդ բոլորը մի տեսակ տարօրինակ և նույնիսկ անհասկանալի էր։ Անդրեյ Եֆիմիչն այժմ էլ համոզված էր, որ քաղքենուհի Բելովայի տան և համար 6 հիվանդասենյակի միջև ոչ մի տարբերություն չկա, որ այս աշխարհում բոլորը դատարկ բան է և ունայնություն ունայնությանց, մինչդեռ նրա ձեռքերը դողում էին, ոտքերը սառչում, և նա սոսկում էր այն մտքից, թե շուտով Իվան Դմիտրիչը վեր կկենա և կտեսնի, որ ինքը խալաթ է հագել։ Նա վեր կացավ, անցուդարձ արեց և նորից նստեց։
Ահա նա նստեց կես ժամ, մեկ ժամ և թախծելու աստիճան ձանձրացավ. մի՞թե այստեղ կարելի է ապրել մեկ օր, մի շաբաթ և մինչև իսկ տարիներ, ինչպես այս մարդիկ են ապրում։ Դե՛, ահա ինքը նստած էր, երթևեկեց ու նորից նստեց. կարելի է գնալ և պատուհանից դուրս նայել ու դարձյալ անկյունից անկյուն երթևեկել։ Իսկ այնուհետև ի՞նչ։ Կուռքի պես այսպես նստե՞լ ամբողջ ժամանակ և մտածել։ Ո՛չ, այդ հազիվ թե հնարավոր լինի։
Անդրեյ Եֆիմիչը պառկեց, բայց իսկույնևեթ վեր կացավ, թևով սրբեց ճակատի սառը քրտինքը և զգաց, որ իր ամբողջ երեսից սկսեց ապխտած ձկան հոտ գալ։ Նա նորից երթևեկեց։
— Այս մի ինչ֊որ թյուրիմացություն է...— ասաց նա, տարակուսանքով ձեռքերը տարածելով։— Պետք է բացատրվել, այստեղ թյուրիմացության կա...
Այդ միջոցին Իվան Դմիտրիչն արթնացավ։ Նա նստեց ու այտերը հենեց բռունցքներին։ Թքեց։ Հետո ծուլորեն նայեց բժշկին և, ըստ երևույթին, աոաջին րոպեին ոչինչ չհասկացավ. բայց շուտով նրա քնկոտ դեմքը դարձավ չոր ու հեգնող։
— Ըհը՛ , ձե՜զ էլ այստեղ նստեցրին, հոգի՞ս,— ասաց նա, քնից նոր արթնացած, խոպոտած ձայնով, կկոցելով մի աչքը։ — Շատ ուրախ եմ։ Աոաջ դուք էիք մարդկանց արյունը խմում, հիմա էլ ձեր արյունն են խմելու։ Հիանալի՜ է։
— Այս մի ինչ֊որ թյուրիմացություն է...— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ Իվան Դմիտրիչի խոսքերից վախենալով։ Նա թոթվեց ուսերը և կրկնեց։— Ինչ֊որ թյուրիմացություն է...
Իվան Դմիտրիչը կրկին թքեց ու պառկեց։
— Անիծվա՜ծ կյանք,— մռմռաց նա։— Եվ ինչն է ցավալի ու վիրավորական, որ այս կյանքը վերջանալու է ո՛չ թե տառապանքների համար տրվող պարգևով, ո՛չ թե ապոթեոզով՝ ինչպես օպերայում, այլ մահով. կգան գեղջուկ ծառաները և մեռածի ձեռք ու ոտից բռնած՝ նկուղ քարշ կտան։ Վվվը՜։ Դե՛, ոչինչ... դրա փոխարեն մյուս աշխարհում մեր տոնը կլինի... Ես այն աշխարհից կհայտնվեմ այստեղ իբրև ստվեր և կվախեցնեմ այս գարշելիներին։ Ես նրանց կծերացնեմ՝ սարսափահար անելով։
Վերադարձավ Մոիսեյկան և, բժշկին տեսնելով, մեկնեց ձեռքը.
— Մի կոպեկ տա՜ս,— ասաց նա։
XVIII
Անդրեյ Եֆիմիչը քաշվեց դեպի պատուհանը և նայեց դաշտին։ Արդեն մթնում էր, և հորիզոնի վրա աջ կողմից ծագում էր պաղ, ծիրանագույն լուսինը։ Հիվանդանոցի ցանկապատից ոչ հեռու, ոչ ավելի, քան հարյուր սաժենի վրա, գտնվում էր քարաշեն պարսպով շրջապատված մի բարձր, սպիտակ տուն։ Այդ բանտն էր։
«Ահա այս է իրականությունը»,— մտածեց Անդրեյ Եֆիմիչը և սարսափեց։
Սարսափելի էին և՛ լուսինը, և՛ բանտը, և՛ ցանկապատի կատարի մեխերը, և՛ հեռավոր բոցը ոսկոր այրելու գործարանում» Թիկունքից հառաչանք լսվեց։ Անդրեյ Եֆիմիչը նայեց ետ, տեսավ փայլուն աչքերով ու շքանշանները կրծքին մի մարդու, որը ժպտում էր և խորամանկորեն աչքով անում։ Այդ ևս սարսափելի թվաց։
Անդրեյ Եֆիմիչն իրեն հավատացնում էր, որ լուսնի և բանտի մեջ առանձին ոչինչ չկա, որ հոգեպես առողջ մարդիկ ևս շքանշաններ են կրում և որ ժամանակի ընթացքամ բոլորը կփտի և հող կդառնա, բայց հուսահատությունը հանկարծ պատեց նրան, նա երկու ձեռքով բռնեց ճաղերը և ամբողջ ուժով ցնցեց։ Ամուր ճաղերը չխորտակվեցին։
Հետո, որպեսզի այնքան էլ սարսափ չզգա, նա գնաց դեպի Իվան Դմիտրիչի անկողինը և նստեց։
— Ես հոգեպես ընկճվել եմ, թանկագի՛նս,— մրմնջաց նա դողալով և սառը քրտինքը սրբելով։— Հոգեպես ընկճվել եմ։
— Որ ընկճվում եք, փիլիսոփայեցեք,— ծաղրանքով ասաց Իվան Դմիտրիչը։
— Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ... Այո՛, այո՛... Հրամանքդ մեկ անգամ ասում էիք, թե Ռուսաստանում փիլիսոփայություն չկա, բայց փիլիսոփայում են բոլորը, մինչև անգամ աննշան մարդիկ։ Բայց չէ՞ որ աննշան մարդկանց փիլիսոփայելուց ոչ ոք վնաս չի կրում,— ասաց Անդրեյ Եֆիմիչն այնպիսի տոնով, կարծես թե ուզում էր արտասվել. ու կարեկցություն զարթեցնել։— Իսկ ինչի՞ համար է, թանկագի՛նս, այդ չար ծաղրը։ Եվ այդ աննշան մարդիկ ինչպե՞ս չփիլիսոփայեն, եթե նրանք բավարարված չեն։ Խելոք, կրթված, հպարտ, ազատասեր մարդը, այդ աստծու նման մարդը ուրիշ ելք չունի, քան իբրև բժիշկ գնալ մի կեղտոտ, հիմար, փոքրիկ քաղաք և իր ամբողջ կյանքում՝ բանկաներ, տզրուկներ, մանանեխի ծեփելի՜ք։ Շառլատանաթյո՜ւն է, նեղմտությո՜ւն, գռեհկությո՜ւն։ Ո՛հ, աստվա՜ծ.իմ։
— Դուք հիմար բաներ եք դուրս տալիս։ Եթե բժիշկ լինելը զզվելի էր, գնայիք դառնայիք մինիստր։
— Ո՛չ մի տեղ, ո՛չ մի տեղ չի կարելի։ Մենք թույլ ենք, թանկագինս... Ես անտարբեր էի, աշխույժ ու առողջ էի դատում, սակայն բավական էր միայն, որ կյանքը ինձ կոպտաբար դիպչեր, որպեսզի ես հոգեպես ընկճվեի... Ուժասպառությո՜ւն։ Թույլ ենք մենք, անպետք ենք մենք... Դուք նույնպես, թանկագինս... Դուք խելացի եք, առաքինի, ձեր մոր կաթի հետ ծծել եք ազնիվ մղումներ, բայց հենց որ կյանք մտաք, հոգնեցիք ու հիվանդացաք... Թո՜ւյլ ենք, թո՜ւյլ։
Սարսափի և վիրավորանքի զգացումից բացի, երեկոն իջնելու հետ, Անդրեյ Եֆիմիչին ամբողջ ժամանակ տանջում էր ևս մի ինչ֊ որ բան, որից նա ազատվել չէր կարողանում։ Վերջապես նա գլխի ընկավ, որ սիրտն ուզում է գարեջուր և ծխախոտ։
— Ես այստեղից դուրս կգամ, թանկագինս,— ասաց նա։ Կասեմ, որ այստեղ ճրագ բերեն... Այսպես չեմ կարող... Անկարո՜ղ եմ...
Անդրեյ Եֆիմիչը գնաց դեպի դուռը և բաց արեց, բայց Նիկիտան իսկույն ոտքի ելավ և նրա ճանապարհը կտրեց։
— Ո՞ւր եք գնում։ Չի՛ կարելի, չի՛ կարելի,— ասաց նա։ — Քնելու ժամանակ է։
— Բայց ես միայն մի րոպեով, բակում մի քիչ ուզում եմ ման գալ,— վախենալով ասաց Անդրեյ Եֆիմիչը։
— Չի՛ կարելի, չի՛ կարելի, հրամայված չէ: Ինքներդ գիտեք։
Նիկիտան դուռը շրխկոցով ծածկեց և մեջքը հենեց նրան։
— Բայց եթե ես այստեղից դուրս գամ, դրանից ո՞ւմ ինչ կպատահի,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը՝ ուսերը թոթվելով։— Չե՜մ հասկանում։ Նիկի՛տա, ես պետք է դուրս գնամ,— ասաց նա դողացող ձայնով։— Ինձ հարկավոր է։
— Անկարգություն մի՛ արեք, լավ չէ,— ասաց Նիկիտան խրատական տոնով։
— Սատանան գիտե, թե այս ինչ է,— ճչաց հանկարծ Իվան Դմիտրիչը և վեր թռավ։— Նա ի՞նչ իրավունք ունի չթողնելու։ Ինչպե՞ս են նրանք համարձակվում մեզ այստեղ պահել։ Օրենքում, կարծեմ, պարզ ասված է, որ առանց դատարանի ոչ ոքի չի՜ կարելի ազատությունից զրկել։ Սա բռնությո՜ւն է։ Կամայականությո՜ւն։
— Իհա՜րկե, կամայականություն է,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ Իվան Դմիտրիչի բղավոցից խրախուսված։— Ինձ հարկավոր է, ես պե՛տք է դուրս գնամ։ Նա իրավունք չունի՜։ Դո՜ւրս թող, քեզ ասում են։
— Լսո՞ւմ ես, բթամիտ անասուն,— բղավեց Իվան Դմիտրիչը և բռունցքով բախեց դուռը։— Բա՛ց արա, ապա թե ոչ ես դուռը կջարդեմ։ Անխի՜ղճ։
— Բա՛ց արա,— բղավեց Անդրեյ Եֆիմիչը՝ ամբողջ մարմնով դողալով։— Ես պահանջո՜ւմ եմ։
— Դու դեռ խոսի՛ր,— պատասխանեց Նիկիտան դռան հետևից,— խոսի՛ր։
— Գոնե գնա՛ Եվգենի Ֆյոդորիչին այստեղ կանչիր։ Ասա՛, որ ես նրան խնդրում եմ շնորհ բերել... մի րոպեով։
— Վաղը նա ինքը կգա։
— Մեզ երբե՜ք բաց չեն թողնի,— այդ միջոցին շարունակում էր Իվան Դմիտրիչը։— Մեզ այստեղ կփտեցնե՜ն։ Ո՛հ, տեր աստված, մի՛թե իրոք այն աշխարհում դժոխք չկա, և այս սրիկաները ներվելո՞ւ են։ Ո՞ւր է արդարությունը։ Բա՛ց արա, սրիկա՛, ես խեղդվո՜ւմ եմ,— բղավեց նա խռպոտ ձայնով և սկսեց մարմնով դուռը հրել։— Ես գլուխս կջախջախե՜մ։ Մարդասպաննե՜ր։
Նիկիտան արագ բաց արեց դուռը, կոպտաբար, երկու ձեռքով ու ծնկով ետ մղեց Անդրեյ Եֆիմիչին, հետո բռունցքը բարձրացրեց և մի հարված հասցրեց նրա դեմքին։ Անդրեյ Եֆիմիչին թվաց, թե մի ահագին աղահամ ալիք ծածկեց իրեն գլխովին ու քարշ տվեց դեպի մահճակալը։ Եվ իրոք, նա բերանում աղի համ էր զգում, երևի ատամներից արյուն հոսեց։ Նա, կարծես դուրս լողալ ցանկանալով, թափահարեց ձեռքերը և բռնեց ինչ֊որ մեկի մահճակալից ու այդ ժամանակ զգաց, որ Նիկիտան երկու անգամ խփեց իր մեջքին։
Իվան Դմիտրիչը բարձր ճչաց։ Երևի նրան էլ ծեծեցին։
Ապա ամեն ինչ խաղաղվեց։ Ճաղերի միջով գալիս էր լուսնի լույսը, և հատակին փռված էր մի ստվեր, որ նման էր ցանցի։ Սարսափելի էր։ Անդրեյ Եֆիմիչը պառկեց ու շունչը պահեց. նա սարսափով սպասում էր, թե իրեն մի անգամ էլ կխփեն։ Կարծես մեկը մանգաղը վերցրեց, խրեց նրա մարմնի մեջ և մի քանի անդամ պտտեց կրծքում ու աղիքներում։ Ցավից նա բարձը կծեց ու ատամները սեղմեց, և հանկարծ նրա գլխում քաոսի մեջ պայծառորեն փայլատակեց մի սարսափելի, անտանելի միտք, որ ճիշտ այդպիսի ցավ պետք է զգացած լինեին տարիներ շարունակ, օրը օրին, այս մարդիկ, որոնք այժմ, լուսնի րւյսի տակ սև ստվերներ են թվում։ Ինչպե՞ս էր պատահել, որ ավելի քան քսան տարվա ընթացքում նա այդ չիմացավ և չցանկացավ իմանալ։ Նա ցավ չէր զգացել, գաղափար չուներ դրա մասին, նշանակում է՝ մեղավոր չէ, բայց խիղճը, որ նույնքան կամակոր է և կոպիտ, ինչպես Նիկիտան, սարսռեցրեց նրա մարմինը՝ ծոծրակից մինչև կրունկները։ Նա վեր թռավ, ուզեց բղավել ամբողջ ուժով և արագ վազել, որպեսզի սպանի Նիկիտային, ապա Խոբոտովին, վերակացուին ու բուժակին, հետո իրեն, բայց կրծքից ոչ մի ծպտուն դուրս չեկավ ու ոտքերն իրեն չհնազանդվեցին. շնչահեղձ լինելով՝ նա քաշեց, պատռեց խալաթի ու շապկի կուրծքը և ուշաթափված գլորվեց մահճակալին։
XIX
Հաջորդ օրը առավոտյան նրա գլուխը ցավում էր, ականջները խշշում էին, և ամբողջ մարմնի մեջ տկարություն էր զգացվում։ Նա չէր ամաչում վերհիշելու իր երեկվա թուլությունը։ Երեկ նա փոքրոգի էր, վախենում էր մինչև անգամ լուսնից, անկեղծորեն արտահայտում էր այնպիսի զգացմունքներ և մտքեր, որ առաջ չէր էլ կարծում, թե իր մեջ կան։ Օրինակ՝ փիլիսոփայող աննշան մարդկանց բավարարված չլինելու վերաբերյալ մտքերը։ Բայց հիմա նրա համար այդ միևնույն էր։
Նա չէր ուտում, չէր խմում, անշարժ պառկած էր ու լռում էր։
«Ինձ համար միևնույն է,— մտածում էր նա, երբ իրեն հարցեր էին տալիս։— Չեմ պատասխանի... ինձ համար միևնույն է»։
Ճաշից հետո եկավ Միխայիլ Ավերյանիչը և բերեց մի քառորդ ֆունտ թեյ և մեկ ֆունտ մարմելադ։ Դարյուշկան նույնպես եկավ և մի ամբողջ ժամ կանգնեց մահճակալի մոտ՝ դեմքին բութ վշտի արտահայտություն։ Նրան այցելեց նաև բժիշկ Խոբոտովը։ Նա բերեց մի սրվակ բրոմակալիում և Նիկիտային հրամայեց հիվանդասենյակում որևէ խնկեղեն ծխել։
Երեկոյան դեմ Անդրեյ Եֆիմիչը մեռավ կաթվածից։ Սկզբում նա զգաց ցնցող սարսուռ ու սրտխառնոց։ Մի ինչ֊որ զզվելի բան, ինչպես թվաց նրան, թափանցելով ողջ մարմնի, նույնիսկ մատների մեջ, ձգվում էր ստամոքսից դեպի գլուխը և լցվեց աչքերն ու ականջները։ Աչքին ամեն ինչ կանաչ գույն ստացավ։ Անդրեյ Եֆիմիչը հասկացավ, որ իր վերջը եկել է և հիշեց, որ Իվան Դմիտրիչը, Միխայիլ Ավերյանիչը և միլիոնավոր մարդիկ հավատում են անմահությանը։ Իսկ եթե հանկարծ այն կա՞։ Բայց անմահություն նա չէր ոզում, և միայն մի ակնթարթ մտածեց այդ մասին։ Արտասովոր գեղեցիկ և նազելի եղջերուների մի հոտ, որոնց մասին նա երեկ կարդացել էր, վազելով անցավ նրա մոտով։ Հետո մի հասարակ կին նրան մեկնեց իր ձեռքի պատվիրած նամակը... Ինչ֊որ բան ասաց Միխայիլ Ավերյանիչը։ Ապա ամեն ինչ չքացավ, և Անդրեյ Եֆիմիչն անզգայացավ առհավետ։
Եկան հիվանդանոցի գեղջուկ ծառաները, բռնեցին նրա ոտ ու ձեռքերից և մատուռ տարան։ Այնտեղ նա աչքերը բաց պառկած էր սեղանի վրա, և գիշերը լուսինը լուսավորում էր նրան։ Առավոտյան եկավ Սերգեյ Սերգեյիչը, ջերմեռանդությամբ աղոթեց խաչելության առաջ և իր նախկին պետի աչքերը փակեց։
Մի օր անց Անդրեյ Եֆիմիչին թաղեցին։ Թաղմանը ներկա էին միայն Միխայիլ Ավերյանիչը և Դարյոլշկան։
1892