Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 8468 բայտ, 14:07, 3 Հունվարի 2014
Ա՜յ քեզ մարդիկ։ Ինչո՞ւ են նրանք միշտ խառնվում իրենց միջմտություններով։ Մի՞թե այս ֆրոյլայնը կարծում է, որ առանց նրա օգնության ես չէի կարող հիշել իմ լավագույն ընկերոջ ազգանունը։
 
 
==Երեք միլիոն րեպորտաժի համար==
 
 
Իհարկե, ես իզուր էի հույսս դրել Ռուդիի վրա։ Երբ ես զանգահարեցի նրան ավտոմատից, նա ասաց, որ հաճույքով պարտք կտար ինձ պահանջված գումարը, բայց ափսոսանքով պետք է ասի, որ ներկայումս ինքն էլ ունի որոշ ֆինանսական դժվարություններ։ Բանը նրանում է, որ վերջին վեց միլիոնը նա ծախսել է Սաուդյան Արավիաից բերված երկու մտրուկների վրա, որոնցից մեկը, հենց երեկ կոտրել է ոտքը։ Այնպես որ, երեք միլիոնը կորան։
 
Ինչպես ես հետո իմացա, այդ ողջ պատմությունը կոտրած ոտքի մասին մաքուր սուտ էր։ Ռուդին ուղղակի վախեցավ պարտքով փող տալ ինձ։ Միլիոնատերերը, ինչպես ես նկատել եմ, ընդհանրապես ժլատ մարդիկ են։
 
Ես տուն վերադարձա մասամբ վատ տրամադրությամբ, մասամբ էլ հանգստացած։ Չստացվեց ― ուրեմն չստացվեց, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Միգուցե այսպես ավելի լավ է։ Վերջ ի վերջո, ես արդեն քառասուն տարեկան եմ, տարիք՝ որին հասնելով ժամանակն է հնարավորինս խուսափել արկածախնդրությունից։
 
Ինչ վերաբերվում է կնոջս, ապա նա դեպքերի այդպիսի զարգացումից, ինչպես ես նկատեցի, նույնիսկ շատ գոհ էր։ Որովհետև ես, ինչպիսին էլ որ կամ, բայց դե ամուսին եմ։ Ու եթե ես ինչ֊որ տեղ հեռավոր ապագայում, ինչ֊որ պատճառներով լռվեմ, դեռ հայտնի չէ, թե նա կգտնի՞ ինձ նման մեկին, թե ոչ։
 
Կինս այնքան զգացվեց, որ ընթրիքի ժամանակ նույնիսկ առաջարկեց խմել, ինչը սովորաբար չի անում։ Ես, իհարկե, երկար խնդրել ինձ չստիպեցի։ Առաջին ըմպանակը ես խմեցի կնոջս հետ, երկրորդը և երրորդը, երբ նա դուրս եկավ հեռախոսի մոտ, չորրորդը՝ նորից նրա հետ։
 
― Այո, ― ասացի ես, ― բայց միևնույն է ափսոս, որ չստացվեց։ Շատ կցանկանայի տեսնել։
 
Ինչի՞ն այնտեղ նայել։ Կարծում ես այդ ժամանակահատվածում, այնտեղ ինչ֊որ բան կփոխվի՞։ Եվ նա հիշեցրեց ինձ մեր հարևանի պատմածը, որը վերջերս էր մահացել։ Ժամանակին նա ընտանիքի հետ այստեղ էր եկել Ռուսաստանից և չէր ուզում քանդել ճամպրուկները։
 
― Շուտով բոլշևիկներին կքշեն և մենք ստիպված կլինենք ետ վերադառնալ։ Ինչո՞ւ անել կրկնակի աշխատանք․ քանդել ու նորից հավաքել։
 
Նորից զանգեց հեռախոսը։ Հենց որ կինս դուրս եկավ, ես մի բաժակ էլ կուլ տվի, բայց չհասցրեցի լցնել երկրորդը՝ կինս վերադարձավ։
 
― Քեզ, ինչ֊որ ամերիկացի, ― ասաց նա։
 
Պարզվեց, որ ամեիկացին «Նյու Թայմս» թերթի թղթակից էր։ Նա հարցրեց, կարո՞ղ եմ ես վաղը ընդունել նրան շտապ գործով։ Իմ հարցին, թե այդ ի՞նչ շտապ գործեր են, նա պատասխանեց, որ դա հեռախոսային խոսակցություն չէ։ (Հետո էլ ասում են, որ միայն Սովետական Միությունում են վախենում խոսել հեռախոսով):
 
― Լավ, ― ասացի ես, ― եկեք, միայն տասից ոչ շուտ։ Ես երկար եմ աշխատում և ուշ վեր կենում։
 
― Օ կեյ, ― ասաց նա և կախեց խոսափողը։
 
Ասում են, թե ամերիկացիները կիրթ չեն։ Ես այդպես չեմ գտնում։ Կյանքումս հանդիպած ամերիկացիների մեծ մասը քաղաքավարի, նրբազգաց, համեստ մարդիկ են, կոկիկ հագնված և շատ սիրալիր։ Իհարկե, նրանք երբեմն դնում են իրենց ոտքերը սեղանին, բայց դա ինձ միանգամայն չի նյարդայնացնում։ Նրանք այդպես լիցքաթափվում են, կամ ինչպես իրենք են ասում լարվածությունից են ազատվում։ Եվ դա ճիշտ է։ Դա օգտակար է առողջության համար։ Իսկ անհանգստանալ, ինչպես անում ենք մենք, սխալ է։ Ես ինքս էլ երբեմն ոտքերս դնում եմ սեղանին, բայց հանգստանալ չի ստացվում, մենք դրան սովոր չենք։
 
Հաջորդ առավոտ ուղիղ ժամը տասին լսվեց դռան զանգը։ Բացելով դուռը ես տեսա բարձրահասակ, բարեկազմ մի մարդու, երկնագույն կոստյումով, մուգ, թեք սանրված մազերով։
 
― Պարոն Մա՞կ․․․, ― սկսեցի ես մոռանալով նրա իռլանդական ազգանվան շարունակությունը։
 
― Ինձ դիմեք ուղղակի Ջոն, ― ասաց նա և ժպտաց։
 
Ես նրան հրավիրեցի հյուրասենյակ և սուրճ առաջարկեցի։
 
― Վիտալիյ, ― ասաց նա, ― ես մի մեծ խնդրանք ունեմ։ Դուք կլսեք իմ առաջարկությունը, իսկ հետո, անկախ նրանից կընդունեք այն, թե ոչ, մեր խոսակցության մասին ոչ ոքի չեք ասի։
 
― Դուք ՑՌՈւ֊ի՞ց եք, ― հարցրեցի ես։
― Չէ, ի՜նչ եք ասում։ Ես «Նյու֊Թայմսից» եմ, ինչպես և ասել եմ։ Բայց ես չէի ցանկանա․․
 
Ուզում եք, որ ես երդվեմ աստվածաշնչի վրա՞։
 
― Դա պարտադիր չէ, ― ժպտաց նա։ ― Ինձ հերիք է ձեր խոսքը։ Ես լսել եմ, որ դուք ուզում եք գնալ երկու հազար ինչ֊որ տարվա Սովետական Միություն։
 
― Ինչպե՞ս իմացաք, ― զարմացա ես։ ― Դրա մասին ես ոչ մեկին չեմ պատմել։
 
― Մի անհանգստացեք, ես էլ ոչ մեկին չեմ պատմի։
 
Դուք կարող եք պատմել ում ուզում եք, որովհետև ես ոչ մի տեղ չեմ գնում։ Երկու կողմի տոմսը արժե․․․
 
― Ես ամեն ինչ գիտեմ, ― ընդհատեց նա։ Բայց եթե բանը միայն տոմսի գնի մեջ է, մեր ֆիրման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա։
 
― Բոլոր ծախսե՞րը, թերահավատորեն կրկնեցի ես։ Ավելի քան չորս միլիոն մա՞րկ։ Դա համարյա երկու միլիոն դոլար է։
 
Եվ դեռ մի միլիոն էլ կստանաք որպես հոնորար, ձեր ուղևորության մասին մանրամասն ռեպորտաժ գրելու համար։
 
― Երեք միլիոն դոլա՞ր, ինչ֊որ ռեպորտաժի համա՞ր։
 
Նա ծիծաղեց։
 
― Վիտալիյ, ես տեսնում եմ, դուք դեռ չեք վարժվել արևմուտքին։ Դա ինչ֊որ ռեպորտաժ չի։ Դա դարի սենսացիա է։ Կամ միգուցե նույնիսկ երկու դարերի։ Հնարավոր է, որ նա նույնիսկ ավելի թանկ արժե, բայց մեր ֆինանսական դրությունը այժմ ամենալավագույն վիճակում չէ։
 
Ես խոստացա Ջոնին մտածել։ Նա թողեց իր այցեքարտը, և կիսատ թողնելով սուրճը գնաց։
Ադմին, Վստահելի
1876
edits