Չնայած եթե հանգիստ մտածել, ապա փոխել չվերթը առանց ուղեբեռի այնքան էլ դժվար բան չի։ Բացի դրանից Ֆրանկֆուրտում ես ունեի, այսպես ասած, անձնական փոքրիկ գործ, որի համար ես հենց այնպես իհարկե ոչ մի դեպքում այնտեղ չէի գնա։ Բայց եթե միանգամից․․․
==Նոր Լեոնարդո դա Վինչի==
Լեոպոլդ Զիլբերովիչի (կամ ուղղակի Լեոյի) հետ ես ծանոթացել եմ վաթսունականների սկզբին նրա քրոջ՝ Ժանետայի միջոցով, որի հետ ես այն ժամանակ սովորում էի նույն համալսարանում։ Այն ժամանակվա գրական(կամ երևի ավելի ճիշտ կլինի ասել գրականին մոտ) շրջանակներում Լեոն ամենա աչքի ընկնող կերպարներից էր։
Երկար և երկարամազ, փայլող կոստյումով, կարկատած արմունկներով և փուչիկներով ծնկներին, նա անդադար շարժվում էր Մոսկվայով, լինելով կարծես միաժամանակ և՛ ժամանակի ամենալիբերալ խմբագրություններում, և՛գրողների տանը, և՛ բոլոր բանաստեղծական երեկույթներին, և՛ բոլոր պրեմիերաներին։
Նա անձամբ ծանոթ էր բոլոր ինչ֊որ չափով հայտնի բանաստեղծների, արձակագիրների, քննադատների և դրամատուրգների հետ, որոնց(ամեն մեկին առանձին) հմայում էր իրենց ստեղծոգործությունների նուրբ զգացողությամբ։ Պատեհ առիթով կարող էր յուրաքանչյուրին մեջբերել նրա քառատողը, տողեր վեպից կամ մի ռեպլիկ պիեսից և մեջբերվածին տալ երբեմն անսպասելի, բայց օրիգինալ և անպայման հեղինակի համար հաճելի բացատրություն։
Ես չեմ հիշում թե ինչով էր նա զբաղվում պաշտոնապես (կարծեմ ինչ֊որ տեղ հաստիքից դուրս գրական խորհրդատու էր), բայց նրա գլխավոր կոչումն էր երիտասարդ տաղանդների հայտնաբերումը և աճեցումը։
Նրա շիկակարմիր, մաշված, յուղով և էլի ինչ֊որ կլեպով պատված պորտֆելը միշտ բերնեբերան լցված էր երիտասարդ հանճարների բանաստեղծություններով, արձակով, պիեսներով, կինոսցենարներով, որոնք անխոնջ փորփրելով նա գտնում և գովազդում էր։
Շատ տարիներ հետո, ընկնելով արևմուտք հանդիպել եմ մեծ թվով տարբեր գրական գործակալների, որոնք նստած մեծ գրասենյակներում, ուղարկում են հրատարակիչներին իրենց պատվիրատուների ձեռագրերը, այսինքն՝ վարում են մեծ և եկամտաբեր բիզնես։
Մեր պայմաններում Զիլբերովիչը անում էր նույնը, չունենալով ոչ մի շահ։ Ավելին, լինելով եկեղեցական մկան նման աղքատ, նա ինքը, ինչպես կարողանում, այնպես կերակրում էր իր հայտնաբերած հանճարներին հույս չունենալով, որ նրանք երբևիցե շնորհակալություն կհայտնեն իրեն։
Հենց որ նրա գտած տաղանդը սկսում էր տպագրվել և մետրոյի համար հինգ կոպեկանոցի կարիք չէր ունենում, միանգամից դեն էր նետում Զիլբորովիչին իր գլխից, բայց Լեոն ոչինչ չէր էլ պահանջում։ Նրա անշահախնդրությունը այնքան մաքուր էր, որ նա ինքն իրեն չէր համարում ալտրուիստ։
Մոռացվելով մի հանճարի կողմից, նա միանգամից գտնում էր մեկ ուրիշին և ամբողջ ուժով նվիրվում նրան։
Ինձանով, իմիջիայլոց, նա նույնպես ժամանակին զբաղվել է։
Նա միաժամանակ և՛ իմ երկրպագուն էր, և՛ զինակիցը, և՛ լուսավորիչը։
Իմ բոլոր գրածները նա համարյա հիշում էր անգիր։
Այն ժամանակ, երբ ես հաճախ կարդում էի ստեղծագործություններս ամենատարբեր հավաքույթներում, Լեոն, իհարկե, միշտ այնտեղ էր լինում։ Նա տեղավորվում էր անկյունում և պահելով իր պորտֆելը ծնկների վրա ուշադիր լսում էր, իսկ երբ բանը հասնում էր որևիցե տպավորիչ պասսաժի կամ հաջողված բառախաղի, Լեոն նախորոք ակնկալելով այդ տեղը, սկսում էր ժպտալ, գլխով անել, հավաքվածների հետ հայացքներ փոխանակել, նրանց ուշադրությունը գրավելով այն բանի վրա, ինչը հիմա կհետևի։ Եվ երբ հանդիսատեսը նույնպես դրական էր արձագանքում, նա լայն ժպտում էր և այնպիսի հպարտությամբ էր լցվում, կարծես ինքն էր ինձ ստեղծել։
Հիշելով իմ կյանքի այն ժամանակաշրջանը, ես մտածում եմ, որ գրողի համար, իհարկե, գլխավորը բնածին տվյալներ ունենալն է, բայց ուղու սկզբում շատ կարևոր է հանդիպել այդպիսի Զիլբերովիչի։
Մեր սիրավեպը Զիլբերովիչի հետ վերջացավ, երբ նա հանդիպեց Սիմ Սիմիչ Կարնավալովին։
Առաջին անգամ լսելով այդ ազգանունը ես ասացի, որ նա անհամատեղելի է քիչ թե շատ պարկեշտ գրողի հետ։ Այդպիսի ազգանուն կարող է ունենալ կոնֆերանսյեն կամ հաշվապահը, բայց գրողը՝ երբեք։
Այն ժամանակ ես պատկերացնել անգամ չէի կարող, որ ժամանակի ընթացքում կընտելանամ այդ ազգանվանը և նա կսկսի թվալ ինձ ոչ միայն բնական, այլ նույնիսկ նշանակալից։
Ես հիշում եմ Զիլբերովիչի առաջին հիացած պատմությունները նախկին կալանավորի մասին, որը աշխատելով մանկապարտեզի կաթսայատանը գրում է հիասքանչ (Լեոյի սահմանմամբ) արձակ։ Այդ մարդը ամսեկան վաստակելով վաթսուն ռուբլի, ապրում է խիստ ասկետիկ, չի խմում, չի ծխում, սնվում է շատ համեստ։
Առավոտից մինչև գիշեր գրում է (ընդմիջվելով միայն քնելու, ուտելու և ածուխ լցնելու համար), թույլ չտալով իրեն ոչ մի թուլություն և գործնականում ոչ մեկի հետ չշփվելով, որովհետև առաջինը, վախենում է մատնիչներից, իսկ երկրորդը՝ գնահատում է իր ամեն մի րոպեն։
Միևնույն ժամանակ իր, Զիլբերովիչի հետ, նա(Լեոն դա հատուկ ընդգծեց) ոչ միայն խոսեց միանգամից ժամ ու կես, այլ նույնիսկ բարձրաձայն կարդաց նրա համար մի քանի էջ իր գործերից ինչ֊որ մեկից։
― Ծերուկ, ― հանդիսավոր ասաց Զիլբերովիչը, ― հավատա իմ ճաշակին, նա իսկական հանճար է։
Ընդորում նա ասաց դա այնպիսի տոնով, որից դժվար չէր հասկանալ, որ չնայած ես էլ ինչ֊որ առումով կարծես թե հանճար եմ, բայց միգուցե ոչ այնքան իսկական։
Զիլբերովիչն այն ժամանակ ապրում էր Ստրոմինկայում։ Մոր՝ Կլեոպատրա Կազիմիրովնայի ու Ժանետայի հետ։ Նրանք ունեին առանձին երկու սենյականոց բնակարան։ Այն ժամանակվա համար այդ չտեսնված շքեղությունը նրանք ունեին, որովհետև Լեոի պապը, Պավել Իլյիչ Զիլբերովիչը (պարտիական մականունը Սերեբրով), քաղաքացիական պատերազմի հերոս էր, որտեղ, ի բարեբախտություն Զիլբերովիչների հաջորդ սերունդների և զոհվեց։ Եթե նա ավելի ուշ զոհվեր ճամբարներում, նրա թոռան բնակարանային պայմանները հազիվ թե լինեյին այդքան լավը։ Լեոի մայրը և քույրը ապրում էին մի սենյակում, իսկ նա ուներ իրենը, առանձինը։ Սենյակը ամբողջապես զարդարված էր նրա սրտի համար թանկ մարդկանց դիմանկարներով։ Ամենամեծի, հին լուսանկարից մեծացվածի վրա պատկերված էր Զիլբերովիչ պապիկը, քսանհինգ տարեկան հասակում, չապաևյան բեղերով, կաշվե բաճկոնով և մաուզերով կողքի վրա։ Զիլբերովիչ պապիկը միակ զինվորականն էր նրա լուսանկարների հավաքածույում։ Մնացածը Լեոի սիրելի գրողներն էին՝ սկսած Չեխովից և վերջացրաց ինձնով։
Այդ սենյակում մենք հաճախ էինք հանդիպում, ես այնտեղ կարդում էի իմ առաջին պատմվածքները։
Եվ ոչ միայն ես։ Աստեղ էին լինում իմ սերնդակից բանաստեղծներից ու արձակագիրներից շատերը և նույնիսկ Օկուջավային ես առաջին անգամ լսել և տեսել եմ Զիլբերովիչի մոտ։
Չնայած սկզբում ես որոշ չափով խանդեցի Զիլբերովիչին, բայց չէի մտածում, որ նրանք կարող են այդքան մտերմանալ։ Բայց նրանք մտերմացան։
Ճիշտ է, ոչ միանգամից։
Դատելով ամեն ինչից Կարնավալովը մարդամոտ չէր և նոր ծանոթներին մոտ թողնել չէր շտապում։ Բայց Զիլբերովիչից էլ, եթե նա որևէ մեկին սիրահարվում էր, այդքան էլ հեշտ չէր պոկվել։ Նա զանգում էր, գալիս էր, առաջարկում էր իր օգնությունը․ ինչ֊որ բան տանել, բերել և նույնիսկ արտատպել ձեռագիրը։
Մի օր գիշերը ժամը երկուսին թե երեքին զանգահարեց Ժանետան․ Լեոն կորել էր։ Ժամը յոթին գնացել էր և մինչև հիմա չկար։ Արդեն զանգել էին դժբախտ պատահարների բյուրո, մայրը պառկած է նոպայի մեջ, Զիլբերովիչը չկար։
― Հետո ի՞նչ որ չկա, ― ասացի ես։ Առաջին անգա՞մ է ինչ է, նա ուշանում։
Նա ասաց․ ոչ, ոչ առաջին, բայց նրանք ունեն պայմանավորվածություն, որ եթե նա ուշանում է, զանգում է ոչ ուշ քան տասնեմեկանց կես։
Առավոտյան զանգահարեց Զիլբերովիչը և խնդրեց շտապ գնալ նրա մոտ։
Պարզվեց, որ նա գիշերը եղել է Կարնավալովի մոտ։ Նա թույլ էր տվել կարդալ իր վեպը առանց տանից դուրս բերելու։ Զիլբերովիչը կարդաց մինչև առավոտ և հիմա այնքան երջանիկ էր, կարծես գիշերը անց էր կացրել սիրած կնոջ հետ։
Ծերուկ, հավատա ինձ, ― Լեոն պահպանեց պաուզան, նա նոր Տոլստոյ է։
Խոստովանում եմ, այդ գնահատականը ինձ տհաճություն պատճառեց։ Եթե նա անվաներ Կարնավալովին Գոգոլ, Դոստոևսկիյ, Չեխով, կամ թեկուզ Շեքսպիր՝ թող անվաներ ինչքան ուզում էր։ Բայց նախկինում Տոլստոյ նա անվանում էր ինձ։ Իսկ ենթադրել, որ երկրագնդի վրա կարող են գոյատևել միանգամից երկու Տոլստոյ և դրանով սփոփվել, ես իհարկե չէի կարող։
Ես, բնականաբար, հարցրեցի Լեոյին, թե ինչ վեպ է գրել այդ Տոլստոյը։
Լեոն հաճույքով պատասխանեց, որ վեպն ունի 860 էջ և կոչվում է «ԿՊԶ»
― «ԿՊԶ՞», ― զարմացա ես։ ― Միլիցիայի մասի՞ն։
― Ինչո՞ւ միլիցիայի, ― խոժոռվեց նա։
― Իսկ ի՞նչ բան է «ԿՊԶ»֊են։ Նախնական կալանավորման կամերա՞։
― Այո, իհարկե, ― ասաց Լեոն, ― բայց վեպը միլիցիայի մասին չէ։ Եվ ընդանրապես դա ուղղակի վեպ չէ։ Դա միայն մի հատորն է վաթսուն նախատեսվածից։
Ես կարծեցի, որ սխալ լսեցի և խնդրեցի Լեոյին կրկնել թիվը։ Նա կրկնեց։ Այն ժամանակ ես հարցեցի, արդյո՞ք հեղինակը չի նստել հոգեբուժարանում։ Լեոն ասաց, որ իհարկե նստել է։
Բնականաբար, ― ասացի ես։ ― Եթե մարդը նախատեսել է գրել վաթսուն վեպ, որոնցից ամեն մեկը հազար էջից է բաղկացած, նրա տեղը իսկապես հոգեբուժարանում է։
Առաջադեմ հայացքների տեր մարդ լինելով, Լեոն շատ զայրացավ և սկսեց իմ վրա գոռալ, որ այդպիսի հայտարարություններով ինձ ավելի կսազեր դիմել ԿԳԲ, կամ ընկերներ ընտրել Սերբսկու անվան ինստիտուտի բժիշկների շրջանում։ Այնտեղ ինձ կհասկանան։ Իսկ ինքը՝ Լեոն չի հասկանում։
Մենք այն ժամանակ, շատ խիստ վիճեցինք, ես խփեցի դուռը և գնացի, մտածելով որ ընդմիշտ։ Բայց դա ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամ էր։ Մյուս օրը Լեոն եկավ ինձ մոտ օղու շշով և ասաց, որ երեկ շատ էր տաքացել։
Բայց երբ մենք խմեցինք, նա նորից սկսեց խոսել իր հանճարի մասին և նրա սուտը հասավ նրան, որ նա ոչ միայն Տոլստոյ է, այլև Լեոնարդո դա Վինչի։ Նա այնքան օրիգինալ մարդ է, որ իր վեպերը, նկատի առնելով նրանց մեծությունը ինչպես ծավալով այնպես էլ բովանդակությամբ, անվանում էր ոչ թե վեպեր այլ ժայռաբեկորներ։
― Ամբողջ «Մեծ զոնան», ― ասաց Զիլբերովիչը, կկառուցվի վաթսուն բեկորից։
Ի՞նչ կապ ունի այստեղ «Մեծ զոնան»։
Զիլբերովիչը բացատրեց, որ «Մեծ զոնան» ամբողջ էպոպեայի անվանումն է։
― Ա՜ա, ուրեմն նորից ճամբարների մասին, ասացի ես։
― Հիմար, ճամբարները դա «Փորք զոնան» է։ Սակայն «Փոքր զոնան» որպես «Մեծ զոնայի» մաս այնտեղ նույնպես կլինի։
― Հասկանալի է, ― ասացի ես։ Իսկ «ԿՊԶ»֊ն ― «Փոքր զոնայի» մասն է։ Ճի՞շտ է։
― Ահա սովորակն մտածողության տիպիկ օրինակ, ― ասաց Զիլբերովիչը։ «ԿՊԶ»֊ն «Փոքր զոնայի» մասը չէ, դա վեպ է հարնրության էմբրիոնալ զարգացման մասին։
― Ի՞֊ինչ, ― հարցրեցի ես։
― Ուրեմն ուշադիր լսիր ինձ։ ― Նա հանեց պիջակը, գցեց աթոռի մեջքին, և սկսեց վազվզել սենյակում։ Պատկերացրու, որ դու սպերմատոզոիդ ես։
― Ներիր, ― ասացի ես, ― բայց ինձ համար ավելի է հեշտ է պատկերացնել, որ դու ես սպերմատազոիդը։
― Լավ, հեշտությամբ ընդունեց նա նոր դերը։ ― Ես սպերմոտոզոիդ եմ։ Ես ժայթքում եմ կյանք, բայց ոչ մենակ, այլ երկու հարյուր միլլիոնանոց պոչավոր շերեփուկների բազմության հետ։ Եվ մենք միանգամից հայտնվում ենք ոչ թե ջերմոցային պայմաններում, այլ թթու֊ալկալային միջավայրում, որտեղ կենդանի կմնա միայն մեկը։ Եվ ահա այդ երկուհարյուր միլիոնը պայքարի մեջ են մտնում այդ մի տեղի համար։ Եվ բոլորը բացի մեկից մահանում են։ Ւսկ այդ մեկը դառնում է մարդ։ Ծնվելով, նա մտածում է, որ նա միակ անկրկնելին է իր տեսակի մեջ, իսկ հետո բանից դուրս է գալիս, որ նա նորից մեկն է երկու հարյուր միլիոնից։
― Ինչպիսի հիմարությո՛ւն, ― ասացի ես։ Երկրագնդում մարդկանց թիվը ոչ թե երկու հարյուր միլիոն է, այլ չորս միլիարդ։
― Այո՞, ― Լեոն կանգ առավ և շփոթված նայեց ինձ։ Բայց տեղն ու տեղը գտավ հերքումը։ ― Երկրագնդում, այո, իհարկե։ Բայց խոսքը գնում է ոչ թե ամբողջ երկրագնդի մասին, այլ միայն մեր երկրի մասին, և հենց դրա համար էլ էպոպեան կոչվում է «Մեծ զոնա»։
― Լսիր, ― ասացի ես, ― դու այնպիսի անհեթեթություններ ես դուրս տալիս, որ իմ գլուխը արդեն ցավում է քեզանից․ Մեծ զոնա, սպերմատոզոիդներ․․․ Ի՞նչ ընդհանուր բան կա դրանց մեջ։
― Չե՞ս հասկանում, ― հարցրեց Լեոն։
― Ոչ, ― ասացի ես, ― չեմ հասկանում։
― Լավ, ― ասաց Զիլբերովիչը համբերատար։ ― Փորձեմ բացատրել։ Ամբողջ էպոպեյան և ամեն մի վեպը առանձին ― դա շատ տարբեր շերտեր են։ Կենսաբանական, փիլիսոփայական, սոցիալական, քաղաքական։ Այստեղից էլ գալիս է տարբեր հասկացությունների խառնուրդը։ Բացի ամենից, դա նաև մեծ հասարակական նշանակություն ունեցող գրականություն է։ Դրա համար մարդու ներարգանդային կյանքը համարվում է որպես նախնական կալանավորում։ Նախնական կալանքից հետո նա մինգամից հայտնվում է ցմահ կալանքում և միյան մահն է հանդիսանում ազատության հաղթանակը։
― Հետո ինչ, ― ասացի ես, կյանքը, հատկապես մեր իրական֊պատմական պայմաններում կարելի է համարել հավերժական բանտարկություն։ Իսկ ի՞նչ է, այդ սպերմատոզոիդները նկարագրվում են, որպես կենդանի մարդի՞կ։
― Ւհարկե, ― ասաց Զիլբերովիչը, չգիտես ինչու հոգոց հանելով։ ― Սովորական մարդիկ պայքարում են բանտ ընկնելու համար, իսկ պարտվողները ստանում են ազատություն։ Հասկանալի՞ է։
― Այո, ― ասացի ես։ ― Այսպես քիչ թե շատ հասկանալի է։ Չնայած մի քիչ բարդ է։ Ասա ինձ ավելի պարզ, այդ վեպը կամ վեպերը սովետական իշխանությանը կո՞ղմ են, թե դեմ։
― Ա՜յ քեզ հիմար, ― ասաց Զիլբորովիչը և խփեց իր ազդրին։ ― Դե իհարկե դեմ է։ Եթե նրանք լինեին կողմ, ես քեզ չէի պատմի նրանց մասին։
Չեմ ուզում սխալ հասկացված լինել, բայց երբ Լեոն հրապուրվեց այդ Լեոնարդո Տոլստոյով, սկսեց վազել նրա մոտ և խոսել միայն նրա մասին, ես ընկալեցի այդ որպես անսպասելի դավաճանություն։ Բանը նրանում է, որ անգիտակցաբար ես սովորել էի ունենալ նրան ձեռքի տակ, որպես հավատարիմ երկրպագու, որին միշտ կարելի էր ուղարկել սիգարետների կամ օղու շշի հետևից, և դուրս գցել գլխիցս, երբ նա ինձ պետք չէր։ Ես սովորել էի, որ ցանկացած ժամանակ կարող եմ գալ նրա մոտ, կարդալ նրան ինչ֊որ մի նոր բան և լսել նրա հիացմունքը։ Իսկ հիմա նա սկսեց կտրուկ փոխվել։ Չէ, նա առաջվա պես ինձ հաճույքով լսում էր և նույնիսկ գովում, բայց արդեն ոչ այնպես։ Արդեն ոչ թե հոյակապ է, հանճարեղ է, հիասքանչ է, այլ լավ է, հաջող է, վատ չի, իսկ Կառնավալովի մոտ․․․
Եվ հրամցնում է ինձ մի մեջբերում Կարնավալովից։ Ավելին, այն ժամանակվանից, ինչ նա դարձել էր իրեն՝ Կարնավալովի մերձավորներից, նրա իմ հանդեպ վերաբերմունքում հայտնվեց ինչ֊որ տիրական ներողամտություն։
Այս ամենը ես հիշում էի Ֆրանկֆուրտ֊ Տորոնտո թռչող ինքնաթիռում։