Դա միակ դեպքն էր, երբ ես հետաքրքրվեցի Զիլբորովիչի անձնական կյանքով։
==Առաջնորդը և հոտը==
Հիմա ես չեմ պատրաստվում կրկնել Սիմիչի ողջ պատմությունը, դա բավականին լավ և լայնորեն հայտնի է։ Կարնավալովի մասին արդեն գրված են հազարավոր և նույնիսկ տասնյակ հազարավոր հորդվածներ, դիսերտացիաներ, մենագրություններ։ Նրա մասին նույնիսկ նկարահանված է մի քանի վավերագրական և մեկ գեղարվեստական ֆիլմ (ճիշտ է բավականին թույլ)։ Իմ սերնդակիցները լավ են հիշում, թե ինչպես Կարնավալովը տպվելով արտասահմանում, միանգամից հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Ողջ սովետական իշխանությունը ― և Գրողների Միությունը, և՛ լրագրողները, և՛ ԿԳԲ, և՛ միլիցիան ― սկսեցին նրա դեմ կայնքի ու մահու պայքար մղել, բայց ոչինչ չկարողացան անել։
Սկզբում, երբ նա տպեց իր առաջին ժայռաբեկորը, իշխանությունները ուղղակի շփոթվեցին։ Դա այն ժամանակն էր, երբ մեր կառավարությունը սիրաշահում էր Արևմուտքին, հույս ունենալով այնտեղ ինչ֊որ բան գնել կամ գողանալ, և Սոլժենիցինի և ուրիշ գրողների հետ պատմություններից հետո, խուսափում էր որևիցե խայտառակությունից կապված գրողների հետ։
Դրա համար էլ տրված էր ցուցում Կարնավալովի հետ վարվել մարդկայնորեն։ Նրա հետ անցկացնել զրույց, որպեսզի նա զղջա «Լիտերատուրնայա գազետայում» և խոսք տա այլևս երբեք Արևմուտքում չտպագրվել։ Դրա համար էլ, երբ նրան առաջին անգամ կանչեցին քննիչի մոտ, խոսակցությունը մեղմ էր։ Պարզվեց, որ քննիչը բեկորների հեղինակի գրական տաղանդի մեծագույն երկրպագուն է։
― Ես իհարկե, մասնագետ չեմ, ― ասաց քննիչը, ― ես ուղղակի ընթերղող եմ։ Բայց ինձ ձեր վեպը շատ դուր եկավ։ Որոշ էջերի վրա ես նույնիսկ լաց եղա։ ― Ընդսմին նա նույնիսկ սվսվացրեց քթով և սրբեց ակնոցները ցույց տալով, թե ինչպես է լաց եղել։ Ափսոս միայն, որ վեպը տպագրվել է ոչ այնքան պատեհ ժամանակ։ Ուրիշ անգամ մենք դա նույնիսկ կողջունեինք, բայց հիմա, երբ միջազգային դրությունը բարդացել է, մեր թշնամիները, իհարկե, կաշխատեն օգտագործել ձեր վեպը վատ նպատակներով։
Որպեսզի այդպես չլինի, քննիչը առաջարկեց անհապաղ վճռական պատասխան տալ «Լիտերատուրնայա գազետայի» էջերում։
Սիմիչը խոստացավ դա անել, բայց տուն հասնելուն պես, հենց իր կաթսայատանը հարցազրույց հրավիրեց արտասահմանյան լրագրողների համար։ Եվ նրանց առաջ շատ տպավորիչ ճառ արտասանեց ընդեմ կոմմունիզմի և կոմմունիստների, որոնց նա անվանեց ամենակուլ կոմմունիստներ, կամ ուղղակի զագլոտչիկներ։
Արձագանքը անսովոր էր։ Սիմիչը միանգամից հայտնի դարձավ ոչ միայն որպես աշխարհի ամենալավ գրող, այլև հերոս, և այդ անվախ ռուս հերոսի մասին խոսեց ամբողջ երկրագունդը։ Հենց որ աշխարհը մի քիչ հանգստանում էր և իշխանությունը համարում էր, որ երբ աղմուկը դադարի, նրան միանգամից կխժռի, նա, հիմար չլինելով, անհապաղ տպում էր նոր բեկոր։ Սկսվում էր ավելի մեծ աղմուկ, և նրա ենթադրյալ կալանավորումը կարող էր ավելի մեծ միջազգային արձագանք ստանալ, քան նույնիսկ, ներխուժումը Չեխոսլովակիա կամ Աղվանստան։ Իշխանությունները փորձում էին և այսպես, և այնպես, առաջարկում էին ինքնակամ մեկնել երկրից։ Բայց նա ոչ միայն չարեց դա, այլև հիշելով Սոլժենիցինի հետ կատարվածը, դիմեց աշխարհին խնդրանքով չհամաձայնվել ընդունել նրան, եթե ամենակուլների մտքով անցնի ուժով դուրս գցել նրան։
Իշխանությունները ուղղակի ոռնացին, չիմանալով ինչ անել։ Կալանավորումը չէր ստացվում։ Կարնավալովի երկրպագուները (իսկ նրանց թիվը հասնում էր հազարների) հետևում էին նրա գործունեությանը և իշխանությունների գործելակերպին։ Իշխանությունները վախ ունեին, որ Կառնավալովի բացահայտ կալանավորումը կարող է բերել ապստամբության։ Ավտովթարը կլիներ սպիտակ թելերով կարված, մնում էր միայն գաղտնի վտարումը, բայց ինչպե՞ս և ո՞ւր վտարել, եթե բոլոր արևմտյան տերությունները հրաժարվում էին նրան ընդունել։ Այն ժամանակ ԿԳԲ իրականացրեց փայլուն և օրիգինալ գործողություն։
Սիմիչին կալանավորեցին երեկոյան ժամը տասնմեկին խիստ գաղտնիության պայմաններում։ Բարեկամներին մեկուսացրեցին, անջատեցին ոչ միայն նրա, այլ նաև նրա բոլոր հարևանների հեռախոսները։ Մամուլը ոչինչ չէր իմանա, եթե ՅՈԻՊԻ գործակալության թղթակիցը պատահաբար կողքով անցնելիս չլիներ։ Նա տեսավ, թե ինչպես էին Սիմիչին դուրս բերում տանից և խցկում մեքենայի մեջ։ Բայց մինչև ստուգում էր այդ տվյալները, մինչև հաղորդեց դրանք տելետայպով, Սիմիչին արդեն պարաշուտով ինքնաթիռից դուրս էին գցում Հոլլանդիայի վրա։ Ւնչպես հետագայում հայտնի դարձավ, հոլլանդական ոստիկանությունը հայտնաբերելով այդչափ անսովոր դեսանտային, փորձ արեց հենց նույն գիշերը նրան հրել Բելգիա, բայց բելգիացիները, ինչ֊որ կերպ գլխի ընկնելով այդ օպերացիայի մասին, սահմանի վրա կենտրոնացրին իրենց զորքերը և ետ հրեցին նրան։ Հոլլանդացիներին ոչինչ չէր մնում, քան պահպանել դեմքի լավ արտահայտություն, վատ խաղի դեպքում։ Առավոտյան այդ երկրի կառավարությունը հայտարարեց, որ չնայած Նիդեռլանդների տերրիտորիան չափազանց փոքր է, միևնույն է այնտեղ տեղ կգտնվի պարոն Կարնավալովի գրասեղանի համար։ Սակայն արդեն մի քանի օր հետո Կարնավալովը ցանկություն հայտնեց տեղափոխվել Կանադա, քանի որ այնտեղ բնությունը շատ էր հիշեցնում այն երկիրը, որտեղ նա մեծացել էր։ Այնպես որ վերջ ի վերջո, ամեն ինչ վերջացավ ի հաճույքս բոլորի։
Կարծես թե ես ես խցկվեցի այնտեղ և պատմում եմ այն մասին, ինչ առանց այդ էլ բոլորին հայտնի է։ Իսկ իմ խնդիրը դրանում չի կայանում։ Ճիշտն ասած, ես ոչ մի խնդիր էլ չունեմ, ես ուղղակի հիշում եմ առանձին դրվագներ մեր հարաբերություններից, ոչ միշտ կարևոր և հաճախ ոչ այնքան կապված իրար հետ։
Համենայն դեպս ժամանակը, երբ մենք ծանոթացանք, հետո սկսեցին անվանել օտտեպելնիյ (ձնհալային)։
Ամեն ինչ հալչում էր և բոլորը հալվում էին։ Նույնիսկ նախկին կալանավորները։ Եվ նույնիսկ գաղտնապահներից գաղտնապահ Սիմ Սիմիչը։
Ես հետո էլի շատ անգամ եմ եղել նրա մոտ և Զիլբերոոիչի հետ և մենակ։ Վերջի վերջո, նկատելով, որ ես նրա հանդեպ չունեմ ոչ մի վատ մտադրություն, Սիմիչը սկսեց ինձ վստահել և կարդալու համար տալիս էր ինձ ոչ միայն «ԿՊԶ»֊ները այլև առանձին գլուխներ ուրիշ բեկորներից։
Նա գնում էր իր կաթսայատուն ածուխ խառնելու, իսկ ես նստում էի նրա խոհանոցային սեղանի առաջ և ագահորեն կարդում։ Իմիջիայլոց, ես դեռ այն ժամանակ ուշադրություն դարձրի «ԿՊԶ»֊ի գլուխներից մեկի վրա։ Նա շատ մեծ էր, մոտավորապես հարյուր էջ, և առանձնանում էր ամբողջ պատմությունից։ Նրա սկսզբում նույնիսկ ասված էր, որ այն ոչ թե թեթև գրականության սիրահարների համար է, այլ հետաքրքրիչ ընթերցողի համար։ «Հետաքրքրիչ» բառը, Սիմիչը իհարկե քաղել էր Դալի բառարանից, որը նա մշտապես կարդում էր և օգտագործում իր աշխատանքում։ Ուրեմն ես բավականին հետաքրքրիչ դուրս եկա և ամբողջ այդ գլուխը համբերությամբ կարդացի։ Չնայած նա ավելի շատ նման էր ոչ թե վեպի առանձին գլխի, այլ գիտական աշխատության։ Նրա վերնագրված էր՝ «Առաջնորդը և հոտը»։ Այնտեղ նորից հիշվում էր տխրահռչակ սպերմատոզոիդը, որը այն երկու հարյուր միլլիոնի հետ ինչ֊որ տեղ էր ձգտում։ Եվ ասված էր, որ բնությունը բոլոր կենդանի էակներին, սկսած սպերմատոզոիդներից և վերջացրած բարձրագույն կենդանիներով բաժանում է առաջնորդների և հոտի անդամների։ Մեծ տեղ էր տրված ոչխարների, գայլերի, սագերի, փոկերի վարքագծին և այդ օրենքները հեղինակը տեղափոխում էր մարդկային հասարակության վրա, որտեղ նույնպես կա բնական բաժանում առաջնորդների և հոտի։
Այդ պատճառով իմ ու Սիմիչի միջև այն ժամանակ տեղի ունեցավ առաջին լուրջ վեճը։ Նա վերադարձել էր կաթսայատնից, և սենյակի մեջտեղում կանգնած իր ամանից գարեձավարի շիլա էր ուտում։ Ինձ չէր հյուրասիրում, բայց ես ինքս էլ դա չէի ուտի։ Ես ասացի, որ գլուխը ինձ շատ դուր եկավ, բայց պետք է նկատի ունենալ, որ կենդանիների աշխարհը և մարդկային հասարակությունը էապես տարբերվում են միմյանցից։ Եվ չնայած մարդն էլ ունի խմբակային զգացմունքներ, բայց միևնույն է նրա մոտ ավելի զարգացած են անհատական որակները, ձգտումը ազատության, և ընդանրապես, մարդիկ չեն կարող կուրորեն հնազանդվել բնությանը, մարդկային հասարակությունը պետք է հիմնված լինի բազմակարծության հիմքի վրա։ Այդ «բազմակարծություն» բառը այն ժամանակ դարձել էր մոդայիկ մեր շրջանում և մենք օգտագործում էինք այն տեղին ու անտեղի։ Եվ ես էլ այդ բառը թռցրի շատ անզգուշաբար։ Ես դեռ չգիտեի, որ դա նրա համար ամենաատելի խոսքն է։ Իմ ասածները նրան այնքան վրդովեցին, որ նա սկսեց ցնցվել ամբողջ մարմնով և քիչ էր մնում խեղդվեր իր շիլայով։
―Բազմակարծությո՞ւն, ― բացականչեց նա։ Նրանք նույնիսկ ավելի վատն են, քան կուլտվողները։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես խոսում։ Վերցրու թեկուզ սագերի երամը։ Երբ նրանք ինչ֊որ տեղ թռչում են, միշտ ունեն առաջնորդ։ Իսկ եթե առաջնորդ չլինի և լինեն միայն բազմակարծողներ, նրանք կթռչեն տարբեր կողմեր և բոլորը կզոհվեն։
― Այդ օրինակը այնքան էլ հաջող չէ, ― առարկեցի ես։ Սագերի մոտ ամեն ինչ մի քիչ այլ կերպ է լինում։ Նրանց մոտ մեկ մեկն է տանում երամը, մեկ մյուսը, նրանց մոտ այդպիսի սագային դեմոկրատիա կա։
― Անպետքոկրատիա, ― բացականչեց Սիմիչը։ ― Դեմոկտատիայում ոչ մի լավ բան չկա։ Երբ պատահում է հրդեհ, բոլոր բազմակարծիքները փնտրում են այն մեկին, որը նրանց դուրս կբերի կրակից։ Այդ գովված դեմոկրատները վաղուց քայքայվում են, ոչնչանում, կորել են շքեղ կյանքի և պորնոգրաֆիայի մեջ։ Դա մեր ժողովրդին հատուկ չէ։ Մեր ժողովուրդը միշտ իր միջից առաջադրում է այն մեկին, որը գիտի ուր գնալ։
Այն ժամանակ առաջին անգամ ես կասկածեցի, որ այդ մեկի տակ նա նկատի ունի իրեն։
Հիմա ոմանք ասում են, որ նա Արևմուտքում այդպես փոխվեց։ Իսկ ես ասում եմ, որ նա միշտ է եղել այդպիսին։ Մի օր, հիշում եմ (այս անգամ էլ ի դեպ նա ուտում էր գարեձավարի շիլա), մենք խոսում էինք Աղվանստանից և ես ասացի, որ այդ պատերազմը սարսափելի է։ Իսկ նա ասաց սարսափելի է, բայց անհրաժեշտ։ Որովհետև, երբ մենք կուլտվողներին քշենք, մեզ անպայման պետք կգա Հնդկական օվկիանոսը։
Ես նրան ասացի․
― Նախքան դեպի Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար մտհոգվելը, դու գոնե քո ներքնահարկի ելքը կարգի բերեիր։ Միգուցե տախտակներ դնեիր, թե չէ ախր այնպիսի ցեխ է, որ կարելի է խեղդվել։
Բայց դրանք իհարկե հատուկենտ վեճեր էին։ Իսկ ընդհանրապես և՛ նրա բեկորները, և՛ պահվածքը այնքան էին ինձ գրավել, որ ես Սիմիչին դրեցի բոլորից բարձր և նրա ներկայությամբ սարսափելի քաշվում էի։
==Լիրիկական շեղում մորուքի մասին==
Ամենից շատ նրա մեջ ինձ զարմացնում էր որևիցե շտապողականության բացակայությունը։ Նա չէր ձգտում տպագրվել, ճանաչված դառնալ, ստանալ հոնորարներ, ապրել լավ բնակարանում, ավելի լավ ուտել և հագնվել։ Հետո ես շատ զարմացա, երբ Սիմիչը լինելով փառքի շեմքին սկսեց մեծ նշանակություն տալ իր արտաքինին և նույնիսկ մորուք աճեցրեց։ Նրա մորուքի մասին ես մտածում էի, որ դա նրան չի սազում և նույնիսկ հակասում է նրա ներքին նկարագրին։ Բայց հետո ես ստիպված էի ընդունել, որ այս դեպքում էլ, նա հստակ գիտեր իր անելիքը։ Գիտեր, երբ ման գալ մորուքով և երբ առանց դրա։ Լինելով հնոցապան, եթե նա աճեցներ ցանկացած երկարության մորուք, հազիվ թե դա կբերեր նրան որևիցե օգուտ։ Ծայրահեղ դեպքում Բեսկուդինովոյի բնակիչների կողմից կընդունվեր որպես քաղաքային խելագար։ Հասկանալի է, որ այդպիսի համբավի համար նա երբեք չէր գնա այն անհարմարություններին, որոնք կապված են մորուք կրելու հետ, առավել ևս նկատի ունենալով նրա պարտականությունները, դա հրդեհի դեպքում կլիներ չափազանց վտանգավոր։ Իսկ երբ եկավ ճանաչումը, նրա հետ էլ երկրպագուների և լրագրողների ամբոխը, մորուքը շատ տեղին եղավ։ Հարյուրավոր հեռուստաէկրաններով բազմապատկված, դա թողնում էր անջնջելի տպավորություն։
Ճիշտն ասած, ես ունեմ մի ամբողջ հետազոտություն մորուքի մասին, որը, ամեն մի ցանկացող կարող է ստանալ աշխարհի համարյա ամեն մի գրադարանում։ Բայց նրանց համար, ով ծուլանում է գրադարան գնալ, ես կարճ կբացատրեմ, որ իմ խորին համոզմամբ, մորուքը խաղում է շատ մեծ դեր առաջավոր գաղափարների, տեսությունների տարածման և ուղեղներին տիրապետելու գործում։ Ես մտածում եմ, որ մարքսիզմը երբեք չէր կարող գրավել մասսաներին, եթե Մարկսը իր ժամանակին թեկուզև ստիպողաբար, սափրված լիներ։ Լենինը, Կաստրոն, Հոմեյնին՝ չէին կարողանա իրագործել հեղափոխություն այս կամ այն երկրում, եթե սափրված լինեին։ Իհարկե, գրավել իշխանությունը այս կամ այն երկրում կամ նվաճել տարացքներ, երբեմն հաջողվում էր և մորուսավորներին և անմորուսներին։ Բայց դեռ ոչ մի անմորուսի չի հաջողվել դառնալ մարգարե։
Ավելորդ չէ նշել, որ մորուքը մորուքից տարբեր է լինում։ Որպեսզի տարբերվի ընդհանուր շարքից, մորուք կրողը պետք է խուսափի ամեն մի կրկնօրինակումից։ Երբեք պետք չէ պահել մորուք, որը կարելի է անվանել՝ մարկսյան, լենինյան, խոշեմինյան կամ տոլստովյան։ Այդ դեպքում ձեզ կարող են դասել ոչ թե մարգարեների, այլ միայն հետևորդների թվին։ Սիմ Սիմիչը դա լավ էր հասկացել, բայց օպտիմալ լուծումը միանգամից չգտավ։ Սկզբից նա շատ հեռուն գնաց և աճեցրեց այնպիսի երկարության մորուք, որ արագ քայլելիս երբեմն ինքն էլ տրորում էր։ Դա շատ անհարմար էր և անիմաստ, որովհետև խոշոր պլանով նկարահանումների ժամանակ, մորուքը չէր տեղավորվում կադրի մեջ։ Հարկ եղավ կարճեցնել, և այն ժամանակվանից ճշմարիտ կարնավալովյան էր համարվում այն մորուքը, որը մի թեթև ծածկում էր ծնկները։
Ոմանք կարող են հարցնել, արդյո՞ք ես չափից ավելի ուշադրության չեմ դարձնում մորուքի վրա։ Ինչ հիմարություններ էլ մարգարեն անի, կարևորը միևնույն է նրա արտաքինը չէ, այլ նրա մտքերն ու գաղափարները։ Դա համընդհանուր պատրանք է, որը ես արդեն շատ տարիներ միանգամայն անօգուտ աշխատում եմ հերքել։ Մարգարեների մտքերն ու գաղափարները երկրորդական են։ Մարգարեն առաջին հերթին ազդում է ոչ թե ուղեղի, այլ հորմոնալ ոլորտի վրա, ինչի համար էլ պետք են մորուքը և նրան համապատասխանող ժեստերը, շարժումները, ծամածռությունները։ Սեքսուալ գրգռված ամբոխը, սխալմամբ կարծում է, որ տիրապետել է այն գաղափարներին, հանուն որոնց արժի ոչնչացնել եկեղեցիները, կառուցել ջրանցքներ և ոչնչացնել իր նմաններին։ Հետաքրքիր է, որ սանձազերծելով բազմության սեքսուալ էներգիան, իրենք, մարգարեները, հաճախ իմպոտենտ են լինում և խոսում են կանացի ձայնով։ Սակայն Սիմիչին դա վերաբերվում է մասնակիորեն։ Նրա ձայնը իսկապես բարակ է, բայց մնացյալում, ինչպես ես լսել եմ, ամեն ինչ կարգին է և հենց այդ հակասությունը իմ տեսության հետ, խանգարում է ինձ ճանչել նրան որպես իսկական մարգարե։