«Երկրացիները»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
Տող 8. Տող 8.
  
  
  <div style="text-align: right;"><i>1999, օգոստոս </i></div>
+
  <div style="text-align: right;"><i><b>1999, օգոստոս</b></i></div>
  
  

01:40, 21 Փետրվարի 2014-ի տարբերակ

Երկրացիները

հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի
թարգմանիչ՝ Լեւոն Անանյան
աղբյուր՝ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»


1999, օգոստոս


Այ թե պոկ չի գալիս, բախում է ու բախում։ Տիկին Թթթ֊ն բարկացած բացեց դուռը։

— Դե՞, ի՞նչ կա։

— Դուք անգլերենն եք խոսում,— մուտքի մոտ կանգնածը անակնկալից սառեց։

— Խոսում եմ, ինչպես կարողանում եմ։

— Մաքուր անգլերեն է։

Մարդը ինչ֊որ համազգեստ էր հագել։ Նրա ետեւում կանգնած էին էլի երեք հոգի։ Բոլորն էլ նկատելիորեն հուզված էին, դեմքները փայլում էին։

— Ի՞նչ եք ուզում,— կտրուկ հարցրեց միսիս Թթթ֊ն։

— Դուք մարսեցի եք,— մարդը ժպտաց։— Այդ բառը ձեզ իհարկե անծանոթ է, այդպես են ասում մեզ մոտ, Երկրում։

Նա ցույց տվեց ուղեկիցներին։

— Մենք Երկրից ենք։ Ես նավապետ Ուիլյամսն եմ։ Ընդամենը մի ժամ առաջ ենք վայրէջք կատարել Մարսի վրա։ Երկրորդ արշավախումբն ենք։ Մեզնից առաջ առաջինն է ժամանել, բայց նրանց ճակատագիրը մեզ անհայտ է։ Համենայն դեպս մենք եկել ենք։ Եվ դուք առաջին մարսեցին եք, որին տեսնում ենք։

— Մարսեցի՞,— նրա հոնքերը վեր թռան։

— Ուզում եմ ասել, որ դուք ապրում եք Արեգակից հաշված չորրորդ մոլորակի վրա։ Այդպե՞ս է…

— Տարրական ճշմարտություն է,— փնչացրեց կինը, ոտքից գլուխ նրանց չափելով։

— Իսկ մենք,— Նա ձեռքով խփեց կրծքին,— Երկրից ենք։ Ճի՞շտ է, տղաներ։

— Այդպես է, հրամանատար,— ձայնեց խումբը։

— Սա Թիր մոլորակն է,— ասաց կինը,— եթե ուզում եք ստույգ անունն իմանալ։

— Թիր, Թիր,— հրամանատարը հոգնած ծիծաղեց,— հիանալի անուն է։ Բայց ասացեք, ով բարի կին, ինչպե՞ս է, որ դուք այդպես հրաշալի անգլերեն եք խոսում։

— Ես չեմ խոսում,— ասաց կինը,— ես մտածում եմ, հեռազգացություն է։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում։

Եվ նա շրխկացրեց դուռը։

Մի վայրկյան անց այդ սարսափելի մարդը նորից ծեծեց դուռը։ Կինը սրտնեղած բացեց։

— Ուրիշ ի՞նչ եք կամենում,— հարցրեց նա։

Տղամարդը կանգնած էր նույն տեղում, ժպտում էր, բայց շփոթահար էր, դեմքին չկար առաջվա վստահությունը։ Նա ձեռքը պարզեց կնոջը։

— Ինձ թվում է դուք ամեն ինչ չէ, որ հասկացաք…

— Ի՞նչ,— ընդհատեց նա։

Տղամարդու աչքերը զարմանքից կլորացան։

— Մենք թռել եկել ենք Երկրից։

— Ես ժամանակ չունեմ,— ասաց նա,— հազար ու մի գործ կա՝ եփ ու թափ, մաքրել, կար ու էլի չգիտեմ ինչ։ Ձեզ երեւի հարկավոր է միստր Թթթ֊ն։ Նա վերեւում է, իր աշխատասենյակում։

— Այո, այո,— ասաց երկրացին՝ աչքերը թարթելով։— Աստծո սիրուն, կանչեք միստր Թթթ֊ին։

— Նա զբաղված է,— կինը նորից շրխկացրեց դառը։

Այս անգամ թակոցն արդեն բոլորովին անհարկի էր։

— Գիտե՞ք ինչ,— դուռը բացվելուն պես գոռաց մարդը։ Նա իսկույն միջանցք խցկվեց, կարծես ուզում էր նպատակին հասնել հանկարծակիի բերելով,— հյուրերին այդպես չեն ընդունում։

— Իմ մաքուր հատա՜կը,— ճչաց կինը։— Այս ի՜նչ կեղտ է։ Դո՜ւրս կորեք, շուտ։ Իսկ եթե ուզում եք ներս մտնել, բարի եղեք նախ մաքրել ձեր ոտքերը։

Մարդը շփոթված նայեց իր կեղտոտ կոշիկներին։

— Հիմա մանրուքների ետեւից ընկնելու ժամանակը չէ,— ասաց նա,— այսպիսի իրադարձությունը հարկավոր է նշել։

Նա սեւեռուն նայեց կնոջը, կարծես հայացքով ստիպելու էր նրան ըմբռնել, թե ինչ են ուզում։

— Եթե իմ բյուրեղապակե կարկանդակները չորացել են ջեռոցում, ես ձեզ փայտով կքշեմ։

Եվ նա շտապեց փոքրիկ, տաքությունից ճարճատող վառարանի մոտ։ Վերադարձավ կարմրած ու քրտնաթոր։ Վառ դեղին աչքեր, թուխ մաշկ, նիհարիկ ու արագաշարժ՝ միջատի պես… կտրուկ, մետաղահնչյուն ձայն։

— Սպասեք այստեղ։ Գնամ տեսնեմ, գուցե եւ թույլ տամ մի րոպեով անցնեք միստր Թթթ֊ի մոտ։ Դուք ի՞նչ գործով եք եկել։

Մարդը գունատվեց ու հայհոյեց, ասես մուրճով հարվածել էին մատներին։

— Ասեք, որ Երկրից ենք եկել, որ առաջին անգամ…

— Ի՞նչը՝ առաջին անգամ,— Նա վեր պարզեց թուխ ձեռքը։— Լավ, դա կարեւոր չէ։ Ես հիմա կգամ։

Նրա հեռացող քայլերի ձայնը լսվեց քարե տան միջանցքներում։

Իսկ դրսում անհավանական կապույտ ու տոթակեզ մարսյան անշարժ երկինքն էր փռված, ինչպես երկնագույն տաք ծով։ Մարսյան անապատի վրա, որ ասես հսկայական եռացող կաթսա լիներ, ալիքվում էր տաք մշուշը։ Փոքրինչ հեռու, բլրի գագաթին, թեք կանգնած էր մի փոքրիկ տիեզերանավ։ Նրանից մինչեւ քարե տան դուռը ոտնահետքեր էին ձգվում։

Երկրորդ հարկից բորբոքված ձայներ էին լսվում։ Դռան մոտ մարդիկ նայում էին միմյանց, մի ոտքից մյուսին էին հենվում, ուղղում էին գոտիները։ Վերեւում տղամարդը ինչ֊որ բան էր փնթփնթում։ Կանացի ձայնը պատասխանում էր։ Քառորդ ժամ անց երկրացիները անգործությունից սկսեցին խոհանոցում ետ ու առաջ անել։

— Ծխե՞նք,— առաջարկեց նրանցից մեկը։

Մյուսը ծխախոտ հանեց, սկսեցին ծխել։ Նրանք ներս էին քաշում ծխի ճերմակավուն քուլաները, կարգի էին բերում համազգեստները, շտկում օձիքները։ Վերեւում ձայները շարունակում էին աղմկել։ Հրամանատարը նայեց ժամացույցին։

— Քսանհինգ րոպե անցավ,— ասաց նա,— ի՞նչ են անում այնտեղ։

Նա մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց։

— Շոգ օր է,— ասաց տիեզերագնացներից մեկը։

— Այո,— ետմիջօրեի տապից թուլացած՝ ծուլորեն նկատեց մյուսը։

Վերեւում ձայների աղմուկին հաջորդեց խուլ քրթմնջոց, հետո լռություն տիրեց։ Ամբողջ տանը՝ ոչ մի շշուկ։ Ամեն մարդ լսում էր սեփական շնչառությունը։

Մի ամբողջ ժամ լուռ մնացին։

— Մեր պատճառով որեւէ դժբախտություն պատահած չլինի՞,— ասաց հրամանատարը, մոտեցավ հյուրասենյակի դռանը եւ ներս նայեց։

Սենյակի կենտրոնում կանգնած՝ միսիս Թթթ֊ն ծաղիկներն էր ջրում։

— Ես էլ մտածում էի՝ ի՞նչ եմ մոռացել,— ասաց նա նկատելով հրամանատարին։

Կինը մտավ խոհանոց։

— Ներեցեք,— մի թղթի կտոր մեկնեց,— միստր Թթթ֊ն չափազանց զբաղված է։— Նա նորից անցավ իր ամանեղենին։— Բացի այդ, ձեզ ոչ թե նա է հարկավոր, այլ միստր Աաա֊ն։ Վերցրեք այս երկտողը եւ գնացեք հարեւան դաստակերտը, կապույտ ջրանցքի ափին է։ Այնտեղ միստր Աաա֊ն կպատասխանի ձեզ հետաքրքրող հարցերին։

— Մենք ոչինչ էլ չենք ուզում հարցնել,֊ առարկեց հրամանատարը, շուրթերը կախ գցելով,— մենք գիտենք՝ ինչ պետք է։

— Երկտողը տվեցի, էլ ի՞նչ եք ուզում,֊ զայրացած բացականչեց նա։

Այլեւս ոչնչի հույս չկար։

— Լավ,— ասաց հրամանատարը։ Սակայն նա չէր ուզում գնալ, կանգնել այնպես էր նայում կնոջը, ինչպես երեխան մերկ տոնածառին։— Լավ,— կրկնեց նա,— գնացինք, տղերք։

Չորս տղամարդն էլ դուրս եկան ու քայլեցին տոթ, անշշուկ ամառային օրվա միջով։

Կես ժամ անց միստր Աաա֊ն, որը նստած էր իր գրադարանում եւ մետաղյա բաժակից էլեկտրական բոց էր խմում, սալարկված շավղից ոտնաձայներ լսեց։ Նա գլուխը հանեց պատուհանից եւ հայացքը սեւեռեց չորս միանման համազգեստով մարդկանց, որոնք աչքերը կկոցած նրան էին նայում։

— Դուք միստր Աաա՞֊ն եք,— հարցրին նրանք;

— Ես եմ։

— Մեզ ձեզ մոտ է ուղարկել միստր Թթթ֊ն,— գոչեց հրամանատարը։

— Ինչո՞ւ,— հետաքրքրվեց միստր Աաա֊ն։

— Ինքն զբաղված էր։

— Դե գիտե՞ք ինչ, խայտառակության է,— արհամարհանքով ասաց նա,— հո չեք կարծում, թե ես բան ու գործս թողած պիտի զվարճացնեմ այն մարդկանց, որոնցով զբաղվելու ժամանակ չունի նա։

— Հիմա դա չէ էականը, սըր,— գոչեց հրամանատարը։

— Ինձ համար էականը դա է։ Կարդալու այնքան գիրք է կուտակվել։ Միստր Թթթ֊ն ոչ ոքի հետ հաշվի չի նստում։ Աոաջին անգամ չէ, որ նա այդպիսի անպատասխանատվություն է ցուցաբերում իմ հանդեպ։ Խնդրում եմ ձեր ձեռքերը չթափահարեք, սըր, թույլ տվեք խոսքս ավարտեմ։ Դուք պետք է առավել ուշադիր լինեք։ Ես սովոր եմ, որ մարդիկ լսեն, թե ինչ եմ ասում։ Եվ նեղություն կրեք հարգանքով լսելու, թե չէ ընդհանրապես չեմ խոսի ձեզ հետ։

Չորսով շփոթված, բերանները բաց դոփդոփում էին ներքեւում։ Հրամանատարի ճակատի երակները ուռել էին, աչքերում արցունքներ երեւացին։

— Ուրեմն, ի՞նչ եք կարծում,— բարբառեց միստր Աաա֊ն,— միստր Թթթ֊ն ճի՞շտ է վարվել։

Քառյակը զարմանքով նրան էր նայում տոթակեզ օրվա միջով։ Հրամանատարը չդիմացավ։

— Մենք Երկրից ենք եկել։

— Իմ կարծիքով նա իրեն ջենտլմենի նման չի պահել,— փնթփնթաց միստր Աաա֊ն։

— Մենք ա՜յ, այն տիեզերանավով ենք եկել։

— Եվ աոաջին անգամ չէ, որ նա այդպիսի անխոհեմության է թույլ տալիս։

— Հասկանո՞ւմ եք։ Երկրից ենք։

— Նա դեռ կտեսնի, ես կզանգահարեմ ու կհայտնեմ վրդովմունքս, այո, այո։

— Մենք՝ բոլորս, ես եւ այս երեքը իմ նավի՝ անձնակազմն ենք։

— Ես հենց հիմա կզանգեմ;

— Երկիր։ Տիեզերանավ։ Մարդիկ։ Թռիչք։ Տիեզերք։

— Կզանգեմ ու մի լավ կշշպռեմ,— գոչեց միստր Ասա֊ն ու անհետացավ պաաուհանի առջեւից, ինչպես տիկնիկային թատրոնի տիկնիկ։

Լսվում էր, թե ինչպես ինչ֊որ անտեսանելի ապարատով թունդ վիճում էին։ Հրամանատարն ու անձնակազմը բակում կանգնած տխուր նայում էին հեռու սարալանջին կանգնած տիեզերանավին՝ նուրբ, սլացիկ ու հարազատ։

Միստր Աաա֊ն պատուհանից գլուխը հաղթականորեն դուրս հանեց։

— Ես նրան մենամարտի կանչեցի, պատվովս եմ երդվում, լսո՞ւմ եք, մենամարտի։

— Միստր Աաա,— համբերատար սկսեց հրամանատարը։

— Կկրակեմ, կսպանեմ, իմացեք։

— Միստր Աաա, խնդրում եմ, լսեք ինձ, մենք կտրել անցել ենք վաթսուն միլիոն մղոն։

Միստր Աաա֊ն առաջին անգամ նրա վրա ուշադրություն դարձրեց։

— Ի՞նչ ասացիք, դուք որտեղի՞ց եք։

— Վերջապես, ամեն ինչ կարգի ընկավ,— շշնջաց նա յուրայիններին եւ բարձրաձայն դարձավ միստր Աաա֊ին,— վաթսուն միլիոն մղոն հեռավորությունից, Երկիր մոլորակից։

Միստր Աաա֊ն հորանջեց։

— Տարվա այս եղանակին հազիվ հիսուն միլիոն, ոչ ավելի։— Նա ձեռքն առավ սարսափազդու ինչ֊որ զենք,— դե, իմ գնալու ժամանակն է։ Վերցրեք ձեր հիմար երկտողը, թեեւ չեմ հասկանում, թե դա ձեզ ինչ օգուտ կարող է տալ, եւ գնացեք քաղաք, բլրի մյուս կողմը, կոչվում է Իոփր, այնտեղ ամեն ինչ կպատմեք միստր Իիի֊ին։ Նա հենց այն մարդն է, որը հարկավոր է ձեզ․ ոչ այդ հիմար միստր Թթթ֊ն է ձեզ պետք, որին սպանելն իմ պարտքն է, ոչ էլ ես. դա իմ ոլորտը չէ։

— Ոլորտը, ոլորտը,— պոռթկաց հրամանատարը,— ինչ կապ ունի ում ոլորտն է, երբ հարկավոր է ընդունել Երկրից եկած մարդկանց։

— Հիմարություններ դուրս մի տվեք, դա բոլորին է հայտնի,— միստր Աաա֊ն արագ֊արագ իջավ սանդուղքով,— ցտեսություն։— Եվ վազեց ճանապարհով։

Տիեզերագնացները մնացին ափի բերան։ Վերջապես հրամանատարն ասաց.

— Ոչ, ինչ էլ լինի, մենք կգտնենք մեկին, որ մեզ կլսի։

— Ինչ կլինի, եթե գնանք ու նորից վերադառնանք,— հոգնատանջ ասաց ընկերներից մեկը,— թռչենք ու նորից վայրէջք կատարենք, որպեսզի ժամանակ տանք նրանց ուշքի գալու եւ հանդիպում կազմակերպելու։

— Թերեւս այդպես էլ անենք,— հոգոց հանելով պատասխանեց տանջահար հրամանատարը։


Փոքրիկ քաղաքը եռում էր, մարսեցիները ել ու մուտ էին անում, ողջունում միմյանց։ Նրանք դիմակներ էին կրում՝ ոսկեգույն, երկնագույն, մուգ կարմիր, հաճելի բազմազանության համար կային արծաթավուն շուրթերով եւ բրոնզագույն հոնքերով դիմակներ, ժպտացող ու խոժոռ դիմակներ՝ կրողի բնավորությանը համապատասխան։

Երկար ճանապարհից ոտքերը հազիվ քարշ տալով, չորս երկրացիները կանգ առան ու փոքրիկ մի աղջկա հարցրին, թե որտեղ է ապրում միստր Իիի֊ն։

— Այնտեղ,— գլխով ցույց տվեց աղջիկը։

Հրամանատարը ծնկի իջավ եւ նայեց նրա նուրբ մանկական դեմքին։

— Լսիր, աղջիկս, ուզում եմ քեզ մի բան պատմել։

Նրան նստեցրեց ծնկին եւ քնքշորեն իր լայն ափի մեջ առավ աղջկա թուխ թաթիկները, կարծես մտադիր էր իրիկնային հեքիաթ պատմել՝ անշտապ ծավալվող, հանդամւսնալից ու երջանիկ վերջաբանով։

— Հասկանո՞ւմ ես, փոքրիկս, կես տարի առաջ Մարս եկավ մի ուրիշ տիեզերանավ՝ Յորք անունով մի մարդ, իր օգնականի հետ։ Մենք չգիտենք, թե նրանց ի՞նչ է պատահել։ Գուցե վթարվել են։ Նրանք տիեզերանավով են եկել, ինչպես եւ մենք։ Ա՜յ թե տեսնեիր։ Մեծ, շատ մեծ տիեզերանավ է։ Այնպես որ մենք երկրորդ արշավախումբն ենք, մեզնից առաջ եղել է աոաջինը։ Մենք երկար ենք թռել, Երկրից ենք։

Առանց մտածելու աղջնակը ետ քաշեց ձեռքը եւ դեմքը ծածկեց անարտահայտիչ ոսկեգույն դիմակով, ապա քանի դեռ հրամանատարը խոսում էր, մի ոսկյա խաղալիք սարդ հանեց եւ շրխկացրեց գետնին։ Խաղալիք սարդը հնազանդորեն մագլցեց աղջկա ծունկն ի վեր, իսկ նա հանգիստ ու անտարբեր հետեւում էր՝ իր անհույզ դիմակի ճեղքի միջից։ Հրամանատարը մեղմորեն ցնցեց նրան եւ համառությամբ շարունակեց իր պատմաթյունը։

— Մենք երկրացիներ ենք,— ասաց նա,— դու հավատո՞ւմ ես։

— Այո,— աղջիկը նայում էր փոշու վրա իր հետքերի թողած նախշերին։

— Ի՜նչ խելոքն ես,— հրամանատարը բարեհոգաբար, բայց մի քիչ չարացած կսմթեց նրա ձեռքը, որ ստիպի իրեն նայել։— Մենք տիեզերանավ ենք կառուցել, հավատո՞ւմ Ես։

Աղջիկը մատը խոթեց քիթը։

— Ըհը։

— Դե՛, դե՛, մատդ քթիցդ հանիր… Ես հրամանատար եմ…

— Պատմության մեջ դեռ ոչ ոք այդպիսի հզոր տիեզերանավով տիեզերք դուրս չի եկել,— աչքերը կկոցելով հայտարարէց փոքրիկը։

— Հրաշալի է, ինչպե՞ս կռահեցիր։

— Օ՜, հեռազգացություն է,— նա անփութորեն մատը քսեց ծնկանը։

— Դե՛, մի՞թե քեզ համար հետաքրքիր չէ,— բացականչեց հրամանատարը,— մի՞թե դու ուրախ չես։

— Դուք ավելի լավ է շուտ գնաք միստր Իիի֊ի մոտ,— աղջնակը խաղալիքը վայր գցեց,— նա հաճույքով կխոսի ձեզ հետ։

Եվ նա վազեց։ Նրան կրնկակոխ հետեւում էր խաղալիք սարդը։ Հրամանատարը պպզած՝ ծեռքը պարզել էր աղջկա կողմը եւ նայում էր նրա ետեւից։ Նա զգաց ինչպես են արցունքները լճանում աչքերում, նայեց դատարկ ձեռքերին ու անօգնական բացեց բերանը։ Ընկերները կանգնել էին կողքին ու հայացքները հառել սեփական ստվերներին։ Նրանք թքեցին փողոցի սալահատակին…


Միստր Իիի֊ն անձամբ բացեց դուռը։ Նա շտապում էր դասանխոսության, կարող էր նրանց մի րոպե միայն նվիրել, եթե արագ ներս մտնեին եւ ասեին, թե ինչ է իրենց հարկավոր։

— Փոքրինչ ուշադրություն,— հոգնատանջ ասաց հրամանատարը՝ թարթելով կարմրած աչքերը,— մենք Երկրից ենք, եկել ենք տիեզերանավով, չորս հոգի ենք՝ երեք տիեզերագնաց եւ հրամանատարը։ Մենք հալից ընկել ենք, ուտել ենք ուզում, Մեզ գիշերելու տեղ է հարկավոր։ Թող մեկը քաղաքի բանալին մեզ հանձնի կամ այդ կարգի ինչ֊որ բան, թող սեղմեն մեր ձեռքերը, «ուռա՜» գոչեն, շնորհավորեն։ Այսքանը։

Միստր Իիի֊ն բարձրահասակ, Նիհար, մելամաղձոտ անձնավորություն էր, նրա դեղնավուն աչքերը թաքնվել էին ակնոցի հաստ կապույտ ոսպնյակների ետեւում։ Գրասեղանին հակված՝ նա մտածկոտ ինչ֊որ թղթեր էր թերթում եւ ժամանակ առ ժամանակ իր թափանցող հայացքը հյուրերին ուղղում։

— Վախենամ թե բլանկ չունենամ։

Նա քրքրեց սեղանի դարակները։

— Ո՞ւր եմ խցկել,— նա խոժոռվեց,— այստեղ պետք է լինեին։ Ահա, խնդրեմ,— նա հրամանատարին մեկնեց թղթերը,— պետք է ստորագրեք։

— Այս ամբողջ անհեթեթությունը պետք է կարդա՞մ։

Ակնոցի հարթ ապակիները ուղղված էին հրամանատարին։

— Բայց չէ՞ որ դուք ասացիք՝ Երկրից եք։ Ուրեմն ձեզ մնում է միայն ստորագրել։

Հրամանատարը ստորագրեց։

— Անձնակազմը նույնպե՞ս պետք է ստորագրի։

Միստր Իիի֊ն նայեց նրան, նայեց մյուս երեքին եւ քրքջաց։

— Նրանք էլ ստորագրեն։ Հա՜, հա՜, հա՜, հրաշալի է։ Նրանք… նրանք,— արցունքները ցած էին սահում այտերով։ Նա ափով զարկեց ծնկանը, կռացավ, ծիծաղից խեղդվելով կառչեց սեղանից,— նրանք ստորագրե՜ն…

Տիեզերագնացները մռայլվեցին։

— Այստեղ ի՞նչ կա ծիծաղելու։

— Նրանք՝ եւ ստորագրել,— ծիծաղից շնչասպառ ասաց միստր Իիի֊ն,— դրանից զվարճալի ի՞նչ կա։ Ես անպայման կպատմեմ միստր Ըըը֊ին,— շարունակելով ծիծաղել՝ նայեց ստորագրված բլանկներին,— կարծես թե ամեն ինչ կարգին է։ Նույնիսկ էվթանազիայի ենթարկելու համաձայնությունը կա, եթե ի վերջո դրա կարիքն զգացվի։— Նա քրքջաց։

— Ինչի՞ համաձայնությունը։

— Դե լավ, բավական է, ես ձեզ համար որոշ բան կանեմ, ահա ձեզ բանալին։

Հրամանատարը ոգեւորվեց.

— Օ՜, սա մեծ պատիվ է։

— Սա քաղաքի բանալին չէ, հիմար,— ընդհատեց միստր Իիի֊ն։ Սա տան բանալին է։ Գնացեք միջանցքով, բացեք մեծ դուռը, ներս մտեք եւ շրխկացրեք ձեր ետեւից։ Կարող եք գիշերել այնտեղ։ Միստր Ըըը֊ին առավոտյան ձեզ մոտ կուղարկեմ։

Հրամանատարը տատանվելով՝ վերցրեց բանալին։ Նա գլխահակ կանգնել էր, ընկերները նույնպես տեղներից չէին շարժվում։ Թվում էր՝ կյանքը սառել է նրանց երակներում, քամել հանել են տիեզերական ճամփորդության ողջ կիրքը, նրանք սպառվել էին։

— Դե, ի՞նչ պատահեց,— հարցրեց միստր Իիի֊ն, — ինչի՞ եք սպասում, էլ ի՞նչ եք ուզում։— Նա կիպ մոտեցավ հրամանատարին եւ գլուխը խոնարհելով՝ ուշադիր զննեց նրա դեմքը,— ասացեք։

— Վախենում եմ դուք նույնիսկ ի վիճակի չլինեք…,— սկսեց հրամանատարը,— այսինքն ուզում եմ ասել, այդ մասին մտածել կամ փորձ անել…,— Նա վարանեց,— մենք շատ ենք տքնել, այդպիսի երկար ճանապարհ ենք անցել, գուցե արժեր սեղմել մեր ձեռքը եւ թեկուզ ասել. «Կեցցեք»։

Նա լռեց։

Միստր Իիի֊ն անփութորեն մեկնեց ձեռքը։

— Շնորհավորում եմ,— նրա շուրթերին սառած ժպիտ կար,— շնորհավորում եմ,— նա շրջվեց,— իսկ հիմա իմ գնալու ժամանակն է։ Բանալին չմոռանաք։

Այլեւս ուշադրության չարժանացնելով նրանց, կարծես նրանք անէացել էին, միստր Իիի֊ն ետ ու առաջ էր քայլում սենյակում՝ պայուսակը ինչ֊որ թղթեր լցնելով։ Դա տեւեց մոտ հինգ րոպե, եւ այդ ընթացքում նա ոչ մի անգամ չնայեց չորս խոժոռադեմ, հոգնածությունից հազիվ ոտքի վրա կանգնող, գլուխները կախ, խամրած աչքերով մարդկանց։ Դուրս գալիս միստր Իիի֊ն կենտրոնացած զննում էր իր եղունգները։


Երեկոյանում էր, նրանք քայլեցին կիսախավար միջանցքով, հայտնվեցին մեծ, փայլուն, արծաթագույն դռան առաջ եւ բացեցին նույնպես արծաթագույն բանալիով։ Ներս մտան, դուռը շրխկացրին ու նայեցին իրենց շուրջը։

Սենյակը ընդարձակ էր, լուսավոր։ Տղամարդկանց ու կանանց մի մասը նստոտած էր սեղանների մոտ, ոմանք էլ խումբ֊խումբ կանգնած անկյուններում զրուցում էին։ Դռան շրխկոցը նրանց ստիպեց շրջվել, բոլորը նայեցին համազգեստով մարդկանց։ Մի մարսեցի մոտեցավ եւ խոնարհվեց։

— Ես միստր Ուուու֊ն եմ։

— Իսկ ես նավապետ Ջոնաթան Ուիլյամսը, Երկրից, Նյու Յորքից,— պատասխանեց հրամանատարը առանց մեծ ոգեւորության։

Դահլիճը կարծես փուլ եկավ աղաղակներից եւ բացականչություններից։ Մարսեցիները ձեռքները թափահարելով, հիացած գոռում֊գոչում էին, շուռ տալիս սեղանները, նետվում դեպի երկրացիները, գրկում նրանց, հետո բոլորին էլ ձեռքների վրա բարձրացնելով, վեց անգամ պտտեցին դահլիճում, վեց անգամ վազելով պատվո շրջան կատարեցին՝ ցատկոտելով, պարելով ու երգելով։

Երկրացիները այնպես էին կարկամել, որ մոտ մի րոպե լուռ նստած էին նրանց ուսերին, հետո սկսեցին ծիծաղել ու բղավել միմյանց վրա։

— Այ սա ուրիշ բան է։

— Հրաշալի է, սկզբից էր հարկավոր այսպես։ էհե՜յ, տես է՜, էհեյ։

Նրանք հաղթանակած աչքով էին անում միմյանց, տարածում էին ձեռքները, ծափ էին զարկում։

— Էհե՜յ;

Մարսեցիները նրանց կանգնեցրին սեղանին; Աղմուկը լռեց։

— Ուռա՜,֊ գոռաց ամբոխը։

Հրամանատարը քիչ էր մնում հեծկլտար։

— Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Հիանալի է։

— Ձեր մասին պատմեք,֊ առաջարկեց միստր Ուուու֊ն։

Հրամանատարը հազաց։

Լսողները հիացած հառաչում ու թառանչում էին։ Հրամանատարը ներկայացրեց իր ընկերներին, յուրաքանչյուրը կարճ խոսք արտասանեց, շփոթվելով բուռն ծափողջույններից։

Միստր Ուուու֊ն թփթփացրեց հրամանատարի ուսը.

— Հաճելի է այստեղ հայրենակցի տեսնելը, ախր, ես էլ Երկրից եմ։

— Ինչպե՞ս թե։

— Հապա, այստեղ շատերն են Երկրից։

— Դուք… Երկրի՞ց,— հրամանատարի աչքերը չռվեցին,— չի կարող պատահել։ Դուք է՞լ եք տիեզերանավով եկել։ Այդ դեպքում ե՞րբ է սկսվել տիեզերքի նվաճումը։— Նրա ձայնում հուսախաբություն կար։— Դուք որտեղի՞ց եք, ո՞ր երկրից։

— Թուիերեոլ։ Ես այստեղ եմ եկել ոգեղեն ուժով, շատ տարիներ առաջ։

֊ Թուիերեո՜լ…,— ծոր տվեց հրամանատարը,— այդպիսի երկրի մասին չեմ լսել։ Եվ այդ ի՞նչ ոգեղեն ուժ է…

— Այ, միսս Ռռռ֊ն էլ Երկրից է, ճիշտ չէ՞, միսս Ռռռ։

Միսս Ռռռ֊ն գլխով արեց եւ տարօրինակ ծիծաղեց։

— Միստր Յյյ֊ն, միստր Քքք֊ն, միստր Վվվ֊ն՝ նույնպես։

— Իսկ ես Յուպիտերից եմ,— լուրջ տեսք ընդունելով, ներկայացավ մի տղամարդ։

— Ես Սատուռնից եմ,— խորամանկորեն աչքերը փայլեցնելով, ասաց մի ուրիշը։

— Յուպիտեր, Սատուռն…,֊ մրմնջաց հրամանատարը, աչքերը ճպճպացնելով։

Լռություն տիրեց։ Մարսեցիները հավաքվել Էին տիեզերագնացների շուրջը, նստոտել Էին սեղանների մոտ, բայց սեղանները դատարկ էին, խրախճանքի մասին իսկի խոսք չկար։ Նրանց դեղին աչքերը փայլում էին, աչքերի տակ մութ ստվերներ էին գոյացել։ Նոր միայն հրամանատարը նկատեց, որ դահլիճը պատուհան չունի։ Լույսը կարծես թափանցում էր պատերի միջով։ Միայն մի դուռ կար։ Հրամանատարը ցնցվեց.

— Ի՞նչ տարօրինակ է, որտե՞ղ է այդ Թուիերեոլը, հեռո՞ւ է Ամերիկայից։

— Ամերիկան ի՞նչ բան է։

— Դուք Ամերիկայի մասին չե՞ք լսել։ Երկրից եք եկել եւ չգիտե՞ք։

Միստր Ուուու֊ն զայրացած թափահարեց գլուխը։

— Երկիրը ծովերից է բաղկացած, միայն ծովերից, ուրիշ ոչինչ չկա, ցամաք չկա։ Ես այնտեղից եմ, ես հո գիտեմ։

— Սպասեք,— հրամանատարը ընկրկեց,— դուք ամենաիսկական մարսեցի եք, դեղին աչքերով, թուխ մաշկով…

֊ Երկիրը ամբողջովին ջունգլիներով է ծածկված,— հպարտ հայտարարեց միսս Ռռռ֊ն,— ես Օրիից եմ, արծաթյա մշակույթի երկրից։

Հրամանատարը հայացքը մի դեմքից մյուսին էր դարձնում, միստր Ուուու֊ից միստր Յյյ֊ին, միստր Յյյ֊ից՝ միստր Քքք֊ին, միստր Քքք֊ից՝ միստր Ննն֊ին, հետո՝ միստր Հհհ֊ին, միստր Բբբ֊ին։ Նա տեսնում էր ինչպես են լայնանում ու նեղանում նրանց դեղին աչքերի բիբերը, ինչպես են նրանց հայացքները մեկ կենտրոնանում, մեկ՝ մշուշվում։ Նա սարսռաց. վերջապես, շրջվելով իր ենթականների կողմը, մռայլ ասաց.

— Հասկացա՞ք, թե սա ինչ է։

— Ի՞նչը, հրամանատար։

— Սա ո՛չ հանդիսավոր դիմավորում է,— հոգնած ասաց նա,— ո՛չ հանպատրաստից ընդունելություն, ոչ՝ բանկետ։ Ոչ էլ մենք պատվավոր հյուր ենք։ Սրանք էլ մարսյան իշխանության ներկայացուցիչները չեն։ Նայեք նրանց աչքերին, լսեք նրանց խոսակցությանը։

Տիեզերագնացները շունչները պահեցին։ Նրանք ուշադիր աչքի անցկացրին տարօրինակ, փակ դահլիճը։

— Հիմա ես հասկանում եմ,— հրամանատարի ձայնը կարծես խոր փոսից էր հնչում,— հասկանում եմ, թե մեզ ինչու էին անընդհատ նորանոր հասցեներ տալիս եւ սրա֊նրա մոտ ուղարկում, մինչեւ հանդիպեցինք միստր Իիի֊ին, իսկ նա տվեց ճիշտ հասցեն եւ նույնիսկ բանալին, որպեսզի մենք բացենք դուռը եւ փակենք մեր ետեւից։ Ահա մենք էլ ընկանք…

— Ո՞ւր։

Հրամանատարի ուսերը կախ ընկան։

— Հոգեբուժարան։

Գիշեր իջավ։ Թափանցիկ պատերի մեջ թաքնված լույսերը մեղմ լուսավորում էին լուռ ընդարձակ դահլիճը։ Չորս երկրացիները նստել էին փայտե սեղանի մոտ եւ գլուխները կախ քչփչում էին։ Հատակին խառնիխուռն քնած էին կանայք ու տղամարդիկ։ Մութ անկյուններում ինչ֊որ բան էր շարժվում, ոմանք առանձնացած՝ տարօրինակ կերպով թափահարում էին ձեռքերը։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ տիեզերագնացներից մեկը մոտենում էր արծաթավուն դռանը եւ վերադառնում սեղանի մոտ։

— Անհնար է դուրս պրծնել, հրամանատար։ Մենք ամուր ենք փակված։

— Մեզ մի՞թե գժի տեղ են դրել։

— Իհարկե։ Ահա թե ինչու մեր երեւալը հիացմունք չառաջացրեց։ Նրանց համար մենք պարզապես հոգեկան հիվանդներ ենք, ինչպիսիք այստեղ շատ են։ Սրանք բոլորն էլ խախտված են,— նա ձեռքով ցույց տվեց քնածներին,— բայց ինչպե՜ս ընդունեցին մեզ։ Ինձ մի պահ թվաց, թե հանդիսավոր դիմավորում է,— նրա աչքերը կայծկլտացին եւ անմիջապես էլ խամրեցին,— այդ բացականչությունները, երգերը, ճառերը… Լավ էր, չէ՞…

— Մեզ ինչքա՞ն ժամանակ կպահեն այստեղ, հրամանատար։

— Մինչեւ ապացուցենք, որ հոգեկան հիվանդ չենք։

— Դա հեշտ է։

— Ես էլ հույս ունեմ։

— Կարծես թե այնքան էլ համոզված չեք, հրամանատար։

— Հըմ, այո… հապա այն կողմ նայեք։

Մթության մեջ, ծնկները ծալած, մեկուսի նստել էր մի տղամարդ, նրա բերանից կապույտ բոց Էր դուրս գալիս, որը փոքրամարմին, մերկ կնոջ ձեւ էր ընդունում։ Ինչ֊որ բաներ շշընջալով ու հառաչելով, նա հեզանազ ճախրում էր օդում, կապույտ լույսի ալիքներում։

Հրամանատարը գլխով մյուս կողմը ցույց տվեց։ Այնտեղ մի կին էր կանգնած, որը տարօրինակ կերպարանափոխության էր ենթարկվում։ Սկզբում նա բյուրեղապակյա սյան մեջ էր, հետո ոսկյա արձանիկ դարձավ, ապա մայրու ողորկ ճյուղ եւ ի վերջո, ընդունեց սկզբնական կերպարանքը։

Դահլիճում, կեսգիշերային մթության մեջ, տղամարդիկ ու կանայք ձեռնածություն էին կատարում մանուշակագույն բոցերի հետ, անընդհատ փոփոխվելով, տարբեր կերպարանքներ ընդունելով, քանի որ գիշերը տրտմության ու կերպարանափոխության ժամանակն է։

— Կախարդանք, մոգություն,— շշնջաց երկրացիներից մեկը։

— Ոչ, տեսապատրանքներ։ Նրանք մեզ են հաղորդում իրենց զառանցանքը, այնպես որ մենք տեսնում ենք, թե նրանք ինչ տեսողական պատրանքներ են ունենում։ Հեռազգացություն է, ինքնաներշնչում եւ հեռազգացություն։

— Ձեզ դա՞ է մտահոգում, հրամանատար։

— Այո, եթե տեսապատրանքները մեզ եւ, ոչ միայն մեզ, այդքան բնական են թվում, այդքան համոզիչ ու ճշմարտանման, զարմանալի չէ, որ մեզ թյուրիմացաբար հոգեկան հիվանդ համարեցին։ Այդ տղամարդը կարողանում է կապույտ կրակից փոքրիկ կանայք ստեղծել, իսկ այ, այն կինը ի վիճակի է սյուն կամ արձան դառնալ։ Շատ բնական է, եթե նորմալ մարսեցին մտածի, որ տիեզերանավը մեր հիվանդ երեւակայության արդյունքն է։

Մթության մեջ տիեզերագնացները խուլ հառաչեցին։

Մերթ բռնկվելով, մերթ անհետանալով, շուրջը պարում էին կապույտ կրակները։ Քնած տղամարդկանց բերաններից կարմիր ավազից օձեր Էին դուրս լողում։ Կանայք փոխակերպվում էին փայլուն օձերի։ Գազանների ու սողունների հոտ էր գալիս։

Առավոտյան բոլորը թվում էին ուրախ, առողջ եւ նորմալ։ Ոչ մի սատանա, ոչ մի բոց։ Հրամանատարը իր անձնակազմի հետ կանգնել էր արծաթագույն դռան մոտ, հուսալով, որ կբացվի։

Միստր Ըըը֊ն երեւաց չորս ժամ անց։ Նրանք կասկածում էին, որ նա երեք ժամից ոչ պակաս կանգնել է դռան ետեւում, հետեւել, որպեսզի հետո ներս մտնի ու կանչի իր փոքրիկ աշխատասենյակը։

Դա մի բարեհոգի, ժպտադեմ տղամարդ էր, եթե հավատ ընծայվեր նրա ոչ թե մեկ, այլ երեք տարբեր ժպիտներ պատկերող դիմակին, ի դեպ, դիմակի տակից հնչող ձայնը պատկանում էր ոչ այդքան ժպտադեմ հոգեբույժի։

— Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։

— Դուք մեզ խելագար եք համարում, բայց այդպես չէ,— ասաց հրամանատարը։

— Ընդհակառակը, ես բոլորիդ խելագար չեմ համարում,— հոգեբույժը հրամանատարին ուղղեց փոքրիկ ցուցափայտը,— միայն ձեզ, հարգելիս։ Մյուս բոլորը երկրորդական տեսապատրանք են։

Հրամանատարը ծնկին հարվածեց։

— Ահա թե ի՜նչ։ Ահա թե ինչու միստր Իիի֊ն քրքջաց, երբ ես առաջարկեցի, որ նրանք էլ ստորագրեն բլանկները։

— Այո, նա ինձ պատմել է այդ մասին,— հոգեբույժը հռհռաց դիմակի ալիքաձեւ կտրվածքի միջով։— Հիանալի կատակ։ Ի՞նչ էի ասում։ Այո՛, երկրորդական տեսապատրանքներ։ Ինձ այցելում են կանայք, որոնց ականջներից օձեր են դուրս գալիս։ Ես բուժում եմ, եւ օձերն անհետանում են։

— Մենք ուրախությամբ բուժում կընդունենք, սկսեք։

Միստր Ըըը֊ն խորասուզվեց մտքերի մեջ։

— Զարմանալի է։ Քչերն են համաձայնում բուժվել։ Բանն այն է, որ բուժումը խիստ արմատական բնույթի է։

— Ոչինչ, գործի անցեք, բուժեք, ինքներդ կհամոզվեք, որ բոլորս առողջ ենք։

— Թույլ տվեք նորից նայել ձեր փաստաթղթերը, ամե՞ն ինչ է ձեւակերպված բուժման համար։— Նա թերթեց թղթապանակը,— այսպես… Գիտե՞ք, այսպիսի դեպքերը հատուկ մեթոդներ են պահանջում։ Նրանք, ում տեսել եք Տանը, ավելի թեթեւ հիվանդներ են։ Բայց երբ հոգեկան շեղումը շատ է խորանում, ինչպես ձեր պարագայում, ուղեկցվում է առաջնային, երկրորդային, լսողական, հոտառական եւ համային պատրանքներով, ուրեմն գործերը վատ են։ Ստիպված ենք էվթանազիայի ենթարկել։

Հրամանատարը գոռոցով վեր թռավ։

— Դե, բավական է գլուխ տանեք, սկսեք, քննեք մեզ, մուրճով հարվածեք ծնկին, լսեք սիրտը, ստիպեք պպզել ու վեր կենալ, հարցեր տվեք։

— Խոսեք ինչքան կամենում եք։

Հրամանատարը տաքացած խոսում էր մի ամբողջ ժամ։ Հոգեբույժը լսում էր։

— Անհավանական է,— մտածկոտ շշնջաց նա,— կյանքումս այսպիսի ֆանտաստիկ զառանցանք չեմ լսել։

— Գրողը տանի, մենք ձեզ ցույց կտանք մեր տիեզերանավը,— որոտաց հրամանատարը։

— Հաճույքով կնայեմ։ Կարո՞ղ եք այս սենյակում ցույց տալ։

— Իհարկե, ձեր քարտարանում է, «Տ» տառի տակ։

Միստր Ըըը֊ն ուշադիր նայեց քարտարանը եւ հիսաթափված փակեց արկղը։

— Ինչո՞ւ խաբեցիք, այդտեղ ոչ մի տիեզերանավ չկա։

— Իհարկե, չկա, ապուշ, ես կատակեցի։ Իսկ հիմա ասեք՝ խելագարները կատակո՞ւմ են։

— Երբեմն հումորի բավական անսովոր դրսեւորումներ են պատահում։ Լավ, տարեք ինձ ձեր տիեզերանավի մոտ։ Ուզում եմ տեսնել։


Շոգ կեսօր էր, երբ նրանք մոտեցան տիեզերանավին։

— Այսպես,— հոգեբույժը մոտեցավ նավին եւ թխկթխկացրեց։ Ձայնը փափուկ էր, լիքը,— կարելի՞ է ներս մտնել,— հարցրեց նա խորամանկորեն։

— Ներս անցեք։

Միստր Ըըը֊ն մտավ տիեզերանավ եւ սառեց.

— Իմ մեղավոր կյանքում ինչ ասես չեմ տեսել, բայց այսպիսի բան…

Հրամանատարը սպասում էր, ծամելով գլանակի ծայրը։

— Ամենից ավելի ուզում եմ թռչել տուն եւ ասել մարդկանց, որ այլեւս կապ չփնտրեն այս Մարսի հետ։ Ավելի բթամիտ դանդալոշներ տեսած չկամ…

— Ինձ թվում է, հրամանատար, այստեղ երկուսից մեկը աննորմալ է, դրա համար էլ այդքան կասկածամիտ են։

— Միեւնույն է, այս անիծյալները չափն անցան։

Կես ժամ հոգեբույժը քչփորում էր, տնտղում, թխկթխկացնում, լսում, հոտոտում, լեզվով համը փորձում։ Վերջապես նավից դուրս եկավ։

— Դե, համոզվեցի՞ք,— այնպես գոռաց հրամանատարը, ասես դիմացինը խուլ էր։

Հոգեբույժը աչքերը փակեց ու քիթը քորեց։

— Սա ինձ հանդիպած զգայական ընկալման եւ հիպնոսային ներշնչման ամենազարմանալի օրինակն է։ Ես Նայեցի ձեր այսպես կոչված «տիեզերանավը»։— Նա թխկթխկացրեց նավի իրանը,— ես լսում եմ՝ լսողական պատրանք է,— հոտոտեց,— հոտառական պատրանք, հեռազգացությամբ հաղորդվում են զգացմունքները։— Նա համբուրեց տիեզերանավի մետաղը,— ես համն եմ զգում՝ համի պատրանք։

Նա սեղմեց հրամանատարի ձեռքը։

֊ Թույլ տվեք շնորհավորել։ Հոգեկան հիվանդության հանճար եք։ Սա կատարելություն է։ Ձեր խանգարված երեւակայությունը ողջ սրությամբ ուրիշների գիտակցությանը հասցնելու կարողությունը անհավանական է։ Մեր մյուս հիվանդները հիմնականում տեսողական պատրանքներով են տառապում, երբեմն նաեւ լսողական, դուք կարողանում եք ամբողջությունից գլուխ հանել։ Ձեր խելագարությունը ապշեցուցիչ է։

— Իմ խելագարությո՞ւնը…,— հրամանատարը գունատվեց։

— Այո, այո, սքանչելի խելագարություն է։ Մետաղ, ռետին, ձգողության սարքեր, սնունդ, հագուստ, վառելիք, զենք, շարժասանդուղք, հեղույսներ, պնդօղակներ, գդալներ, ես շատ առարկաներ ստուգեցի ձեր նավում։ Կյանքումս այսպիսի բարդ պատկեր չեմ տեսել։ Նույնիսկ բոլոր առարկաների ստվերները։ Կամքի ինչպիսի՜ լարում։ Եվ ամենը կարելի է շոշափել, հոտոտել, լսել, համտեսել։ Թույլ տվեք գրկեմ ձեզ։

Վերջապես նա հրամանատարին բաց թողեց։

— Ես մենագրություն կգրեմ։ Դա կլինի իմ լավագույն աշխատությունը։ Հաջորդ ամիս դասախոսություն կկարդամ Մարսյան գիտությունների ակադեմիայում։ Հենց միայն ձեր արտաքինը ինչ ասես արժե։ Դուք կարողացել եք նույնիսկ ձեր տեսքը փոխել՝ դեղինի փոխարեն երկնագույն աչքեր, եւ մաշկն էլ ոչ թե թուխ է, այլ վարդագույն։ Հապա այս համազգեստը, եւ հինգ մատը՝ վեցի փոխարեն։ Ապշեցուցիչ է, հոգեկան շեղման հետեւանքով տեղի է ունեցել կենսաբանական փոփոխություն։ Եվ դեռ ձեր երեք ընկերները…

Նա հանեց փոքրիկ ատրճանակը։

— Դուք, իհարկե, անբուժելի եք։ Դուք զարմանալի դժբախտ մարդ եք, միայն մահը կփրկի ձեզ։ Ուզո՞ւմ եք մի վերջին խոսք ասել։

— Սպասեիք, ի սեր աստծո, մի՛ կրակեք։

— Դժբախտ արարած։ Ես ձեզ կազատեմ այս տիեզերանավը եւ այս երեք մարդուն պատկերացնելու տանջանքից։ Գրավիչ տեսարան կլինի՝ ձեզ սպանում եմ, եւ իսկույն անհետանում են եւ՛ ձեր բարեկամները, եւ՛ ձեր տիեզերանավը։ Այ թե հոդված կգրեմ իմ այսօրվա դիտարկումների մասին՝ «Ախտածին պատրանքների քայքայումը»։

— Ես Երկրից եմ, իմ անունը Ջոնաթան Ուիլյամս է, իսկ սրանք…

— Գիտեմ, գիտեմ,— բարեհամբույր նկատեց միստր Ըըը֊ն եւ կրակեց։ Հրամանատարն ընկավ, գնդակը սրտին էր դիպել։ Նրա ընկերները գոռացին։ Միստր Ըըը֊ն աչքերը չռեց։

— Դուք դեռ գոյությո՞ւն ունեք։ Հոյակա՜պ է։ Ժամանակի եւ տարածության մեջ տեւական տեսապատրանքներ։— Նա ատրճանակն ուղղեց նրանց վրա,— ոչինչ, ես ձեզ կստիպեմ, որ անհետանաք։

— Ո՜չ,— գոռացին տիեզերագնացները։

— Լսողական պատրանք նույնիսկ հիվանդի մահից հետո,— գործնական տոնով ասաց միստր Ըըը֊ն եւ մեկը մյուսի ետեւից սպանեց նրանց։

Նա ոտքով հրեց նրանց, հետո թխկացրեց տիեզերանավին։

Առանց որեւէ փոփոխություն կրելու նրանք անշարժ պառկած էին ավազի վրա։

— Չի անհետացել, նրանք էլ չեն անհետացել։

Նա նորից ու նորից կրակում էր անկենդան մարմիններին, հետո ընկրկեց։ Սառած ժպիտով դիմակը ընկավ ոտքերի առաջ։

Հոգեբույժի դեմքի արտահայտությունը հետզհետե փոխվում էր։ Նրա ծնոտը կախվում էր։ Ատրճանակն ընկավ թուլացած ձեռքից։ Նրա հայացքը դարձավ դատարկ ու բացակայող։ Նա ձեռքերը տարածեց եւ կույրի պես խարխափելով շրջվեց։ Նա տնտղում էր մեռած մարմինները, անընդհատ թուքը կուլ էր տալիս։

— Տեսապատրանքներ,— տենդագին քրթմնջում էր նա,— համ, տեսանելիք, հոտ, ձայներ, շոշափելիք։

Նա թափահարում էր ձեռքերը, չռել էր աչքերը։ Շուրթերին փրփուր էր հայտնվել։

— Չքվե՛ք,— գոռաց միստր Ըըը֊ն, դառնալով մեռածների կողմը։— Չքվի՞ր,— գոռաց տիեզերանավի վրա։

Նա նայեց իր դողացող ձեռքերին․

— Վարակվեցի,֊ հուսահատ շշնջաց նա,— անցավ ինձ։ Հեռազգացություն, հիպնոս։ Հիմա ես էլ խելագար եմ։ Վարակված եմ։ Ամեն կարգի զգայական ընկալումներ,— մի պահ անշարժացավ, հետո սկսեց չենթարկվող մատներով փնտրել ատրճանակը։— Միայն մի միջոց կա։ Միակ եղանակը ստիպելու, որ անհետանան, կորչեն։

Կրակոց լսվեց։ Միստր Ըըը֊ն ընկավ։

Արեւի շողերի տակ պառկած էին չորս մարմին։ Միստր Ըըը֊ն ընկած էր նրանց կողքին։

Տիեզերանավը արեւով ողողված բլրի լանջին էր, չէր անհետացել։

Երբ մայրամուտին քաղաքի բնակիչները գտան տիեզերանավը, սկսեցին գլուխ կոտրել, թե դա ինչ է։ Ոչ ոք չկռահեց։ Տիեզերանավը վաճառեցին հնոտիք հավաքողին, որը տարավ եւ թափոնատեղիում հանձնելու համար մասերի բաժանեց։

Ամբողջ գիշեր անձրեւում էր։ Հաջորդ օրը պարզ էր ու տաք։