― Բայց դրա մասին նույնիսկ ծիծաղելի է մտածել։
― Գիտես ինչ, ծերուկ, բառերը ընտրելով ասաց Զիլբերովիչը։ Մի ժամանակ, դու հանդիպեցիր նրան ներքնահարկումնկուղում, աղքատ և սոված, ոչ մեկին չհետաքրքրող ժայռաբեկորներով սնդուկում։ Այն ժամանակ նրա ծրագրերը քեզ նույնպես թվում էին ծիծաղելի։ Իսկ հիմա դու տեսնում ես, որ իրավացին նա է և ոչ թե դու։ Ուրեմն ինչո՞ւ դու չես կարող ենթադրել, որ նա հիմա էլ քեզանից առաջ է տեսնում։ Հանճարները միշտ տեսնում են այն, ինչ մեզ, հասարակ մահկանացուներիս տրված չէ տեսնել։ Մեզ միայն մնում է որոշել, վստահել նրանց, թե ոչ։
Խոստովանում եմ, նրա բառերը ինձ համարյա թե չխոցեցին։ Նրա նախկին, բարձր կարծիքը իմ մասին վաղուց արդեն փոշիացել էր։ Նա Սիմիչին ամպերի տակ էր բարձրացրել, իսկ ինձ համարում էր իր հետ նույն մակարդակի, կամ նույնիսկ ավելի ցածր։ Որովհետև նա համենայն դեպս հանճարի կողքին էր, իսկ ես միայն ինքս ինձ հետ էի։ Բայց ես հասկանում էի, որ Լեոն դատարկ մարդ է, և չնեղացա։ Ես նայեցի ժամացույցին և հարցրի Զիլբերովիչին, թե ինչ է նա մտածում, հնարավոր է արդյոք ժամը վեցի չվերթի համար տոմս վերցնել ուղղակի օդանավակայանում, թե՞ ավելի լավ է նախօրոք պատվիրել հեռախոսով։