Սակայն, մեր խոսակցությունն էլ ինչ֊որ առումով հետաքրքիր էր։ Լեոն սկզբից մեծամիտ էր և գաղտնապահ, իսկ հետո, հարբելով, որոշ գաղտնիքներ պատմեց այստեղի իրենց կյանքի մասին։
Նրանք շատ մեկուսի են ապրում։ Սիմիչը օրական գրում է քսանչորս էջ։ Երբեմն աշխատում է իր առանձնասենյակում, երբեմն էլ զբոսնելում զբոսնելով կալվածքի տարածքում։ Քայլելիս գրում է ծոցատետրում։ Վերջացնելով էջը, դեն է նետում առանց նայելու գետնին, իսկ Կլեոպատրա Կազիմիրովնան և Ժանետան միանգամից այդ թղթերը հավաքում են և դասավորում։ Անցնելով առաջ ասեմ, որ ես հետո տեսա, ինչպես է դա տեղի ունենում։ Նա ծոցատետրը ձեռքին զբոսնում է, իսկ կինը և զոքանչը կամացուկ քայլում են նրա ետևից։ Երբ նա դեն է նետում հերթական թերթիկը, նրանք բարձրացնում են, տեղնուտեղը կարդում և Ժանետան անհապաղ գնահատում է գրվածը մեկ բալլանոց սանդղակով։ «Հանճարեղ է» ― ասում է նա շշուկով, որպեսզի չխանգարի Սիմիչին։
Մի ժամանակ, նա այդպես էր գնահատում Լենինին։ Հիշում եմ, դեռ համալսարանում, ես վերցրեցի նրանից մի լենինյան գրքույկ ( կարծեմ, «Պետություն և հեղափոխություն») և այնտեղ «հանճարեղ» բառը գրված էր լուսանցքներում համարյա ամեն տողի դիմաց։