{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ III|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ V}}
Մարտին Իդենը դեռևս դողում էր փեսայի հետ ընդհարվելուց հետո, երբ մութ նախասենյակով անցավ իր կացարանը՝ մի փոքր խցիկ, ուր հազիվ զետեղված էին մի մահճակալ, մի լվացարան ու մի աթոռ։ Միստր Հիգդինբոթամը Հիգգինբոթամը շատ էր կծծի, և չէր ուզում աղախին պահել, քանի որ իր կինը կարող էր աշխատել։ Բացի այդ, աղախնին հատկացված սենյակում կարող էր բնակվել մի երկրորդ կենվոր։ Մարտինը Սուինբեռնը և Բրաունինգը դրեց աթոռին, հանեց բաճկոնը և նստեց մահճակալին։ Զսպանակները տնքացին նրա մարմնի ծանրությունից, սակայն նա ուշադրություն չդարձրեց դրան։ Նա սկսեց կոշիկները հանել, երբ դիմացի պատի սպիտակ ծեփի վրա նկատեց երդիկից ծորած կեղտոտ, երկար բծեր, որ գոյացել էին անձրևից, և անզգայացավ։ Այդ կեղտոտ ֆոնի վրա սկսեցին երևալ ու անհետանալ զանազան տեսիլքներ։ Մարտինը մոռացավ իր կոշիկները և երկար նայում էր պատին, ապա նրա շրթունքները սկսեցին շարժվել և նա մրմնջաց՝ Ռո՜ւթ։
Ռո՜ւթ։ Մարտինը երբեք չէր էլ մտածել, որ մի պարզ հնչյուն կարող էր այդքան գեղեցիկ լինել։ Այդ հնչյունը փաղաքշում էր նրա լսողությունը, և նա զմայլանքով կրկնում էր Ռո՜ւթ, Ռո՜ւթ։ Դա մի թալիսման էր, մոգական մի թովչություն։ Եվ ամեն անգամ, երբ նա տալիս էր այդ անունը, Ռութի դեմքը պատկերանում էր նրա աչքին, կեղտոտ պատը լուսավորելով ոսկի շողով։ Այդ շողը չէր սահմանափակվում պատով, այլ տարածվում էր մինչև անհունություն, որի ոսկե խորքերում իր հոգին փնտրում էր Ռութի հոգին։ Նրանում գտնվող ամեն լավագույն բան հուժկու հոսանքով հորդեց դուրս։ Հենց Ռութի մասին մտածելը ազնվացնում, մաքրում և դարձնում էր նրան ավելի լավ և ցանկություն էր առաջացնում լինել ավելի լավ։ Այդ բանը մի նոր երևույթ էր Մարտինի համար։ Մարտինը դեռ երբեք չէր հանդիպել այնպիսի կանանց, որոնք ավելի լավ դարձնեին նրան, քան ինքն էր։ Ընդհակառակը, նրանք միշտ էլ նրան կոպիտ կենդանու էին վերածում։ Նա չէր գիտակցում, որ այդ կանանցից շատերը իրեն տվել են իրենց լավագույնը, ինչքան էլ որ այդ լավագույնը խղճուկ լիներ։ Երբեք չմտածելով իր մասին նա չէր իմանում, որ իր մեջ կա ինչ֊որ բան, որը կանանցից սեր է քաշում, և հենց դրա համար էլ կանայք այդքան համառորեն ձգտում էին ձեռք բերել նրա երիտասարդությունը։ Նա երբեք չէր փնտրում կանանց. նրանք էին փնտրում իրեն, և իր մտքով երբեք չէր անցել, որ կան կանայք, որոնք իր շնորհիվ ավելի լավ են դարձել։ Նա մինչև այժմ ապրել էր չափազանց անհոգ, և հիմա իրեն թվում էր, թե միշտ էլ կանայք են բռնել իրեն և պինդ պահել իրենց կեղտոտ ձեռքերով։ Դա արդարացի չէր ո՛չ կանանց, ո՛չ էլ իր նկատմամբ։ Սակայն առաջին անգամ գիտակցելով իրեն, նա ի վիճակի չէր դատելու, այլ միայն ամոթից գետինն էր մտնում հիշելով իր անառակությունը։
Մարտինը հանկարծ ոտքի կանգնեց և աշխատեց տեսնել իրեն՝ լվացարանից վերև կախած կեղտոտ հանեյու հայելու մեջ։ Նա հայելին մաքրեց երեսսրբիչով և երկար ու ուշադիր նայեց։ Իր կյանքում առաջին անգամ էր, որ իրոք տեսնում էր իրեն։ Նրա աչքերը ստեղծվել էին տեսնելու համար, բայց մինչև այդ պահը մնում էին սևեռված դեպի աշխարհի անընդհատ փոփոխվող պատկերը, և նա այնքան էր զբաղված դրանով, որ ժամանակ չուներ մինչև անգամ նայելու ինքն իրեն։ Հայելում նա տեսավ քսան տարեկան մի երիտասարդի գլուխն ու դեմքը, բայց չէր կարող որոշել, գեղեցի՞կ է ինքը, թե ոչ, որովհետև այդպիսի գնահատման չափանիշ չուներ։ Բարձր ու սեպ ճակատից վերև նա տեսավ շագանակագույն մազերի մի փունջ։ Նրա գանգուրները դուր էին գալիս կանանց. նրանք սիրում էին մատներով խառնել ու շոյել այդ մազերը։ Բայց նա ուշադրություն չդարձրեց իր մազերին՝ համարելով, որ դրանք Ռութի համար չեն կարող ոչ մի նշանակություն ունենալ, և երկար ու խոհուն դիտեց իր բարձր ու սեպ ճակատը՝ աշխատելով թափանցել նրա մեջ, պարզել, թե ի՛նչ է թաքնված նրա հետևը։ Ի՞նչ կարելի էր սպասել այդ ուղեղից, համառորեն հարցնում էր նա իրեն, և մինչև ո՞ւր կարող է հասնել նրանով։ Կարո՞ղ է այդ ուղեղը հասցնել նրան Ռութին։
Մարտինը հարց էր տալիս իրեն, թե երևո՞ւմ է իր հոգին այդ կապտավուն-գորշ աչքերում, որոնք հաճախ բոլորովին երկնագույն էին դառնում՝ կարծես արևշող ծովի հարթ մակերեսը ներծծած լինեին իրենց մեջ։ Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպիսի աչքեր կարող են դուր գալ Ռութին։ Նա փորձեց նայել այդ աչքերին այնպես, ինչպես կնայեր աղջիկը, բայց դա ապարդյուն անցավ։ Սովորաբար նա հեշտությամբ էր գուշակում այլ մարդկանց մտքերրմտքերը, բայց դրանք այնպիսի մարդիկ էին, որոնց կյանքը նա լավ գիտեր. իսկ Ռութի կյանքը նրան բոլորովին անծանոթ էր։ Դա նրա համար հանելուկ և հրաշք էր, որտեղի՞ց կարող էր իմանալ աղջկա թեկուզ մի միտքը։ Համենայն դեպս, սրանք, եզրակացրեց նա, ազնիվ աչքեր են, և նրանց մեջ չկա ո՛չ մի ստորություն, ո՛չ մի նենգություն։ Նրան զարմացրեց իր արևկեզ դեմքի թուխ գույնը. մինչ այդ երբեք չէր կարծել, որ ինքն այդքան սև է։ Նա վեր քաշեց իր շապկի թևերը և արևից քիչ կիզված արմունկից վերև գտնվող մաշկը համեմատեց երեսի մաշկի հետ։ Ոչ, այնուամենայնիվ, ինքն սպիտակ է, բայց ձեռքերը նույնպես արևակեզ էին։ Այն ժամանակ նա թեքեց ձեռքը և մկանները լարելով, աշխատեց տեսնել ձեռքի այն մասերը, որոնց ամենևին չէր դիպել արևը, դրանք շատ սպիտակ էին։ Նա ծիծաղեց հայելու միջի իր բրոնզե դեմքի վրա՝ մտածելով, որ մի ժամանակ դա էլ սպիտակ է եղել, ինչպես իր բազուկը, նրա մտքովն էլ չանցավ, որ աշխարհում այնքան էլ շատ չեն կանայք, որոնք կարողանային պարծենալ իրենց մաշկի այնպիսի սպիտակությամբ, ինչպիսին իրենն էր մարմնի այն մասերում, որոնք չէին կիզված արևից։ Նրա բերանը կարող էր նմանվել քերովբեի բերանի, եթե սովորություն չունենար չարացած ժամանակ պինդ սեղմելու իր լիքը, զգայուն շրթունքները։ Երբեմն նա այնքան պինդ էր սեղմում դրանք, որ բերանը դառնում էր լուրջ ու խիստ, մինչև անգամ ասկետորեն ժուժկալ։ Դրանք մարտիկի և սիրեկանի շրթունքներ էին։ Դրանք գիտեին լիովին վայելել կյանքի քաղցրությունը, բայց և մի կողմ թողնել այդ քաղցրությունը և իշխել կյանքին։ Կզակը, ինչպես և ուժեղ, մի փոքր ագրեսիվ ներքին ծնոտը կարծես ստեղծված լինեին իշխելու կյանքին։ Նրանում ուժը հավասարակշռում էր զգայականությանը և զորացուցիչ ազդեցություն էր գործում դրա վրա․ այդ պատճառով էլ սիրում էր առողջ գեղեցկությունը և արձագանքում ամբողջ զգացումներին։ Եվ շրթունքների արանքում փայլում էին ատամները, որոնք դեռ երբեք կարիք չէին զգացել ատամնաբույժի խնամքին։ Դրանք սպիտակ էին, պինդ և ուղիղ. այսպես վճռեց նա, երբ դիտեց դրանք ինչպես հարկն էր․ սակայն դիտելիս հանկարծ շփոթվեց։ Նրա հիշողության խորքում մի աղոտ տպավորություն պատկերացավ այն մասին, որ կան մարդիկ, որոնք ամեն օր մաքրում են իրենց ատամները։ Դրանք բարձր դասի, Ռութի շրջանի մարդիկ են։ Հավանական է, որ Ռութն էլ ամեն օր մաքրում է ատամները։ Ի՞նչ կմտածի աղջիկը նրա մասին, եթե իմանա, թե Մարտինն իր ամբողջ կյանքում ոչ մի անգամ չի մաքրել ատամները։ Նա վճռեց վաղնևեթ գնել ատամի խոզանակ և սովորություն դարձնել ատամները մաքրելը։ Միայն քաջագործությունների վրա չի կարելի հույս դնել աղջկան նվաճելու համար։ Ինքը պետք է փոխի իր անձին վերաբերող ամեն բան՝ ատամ մաքրելուց մինչև օձիքը հագնելը, թեև օսլայած օձիք հագնելով նրան թվում էր, թե զրկվում է ազատությունից։
Մարտինը բարձրացրեց ձեռքը, մատով քերեց կոշտաշատ ափը և նկատեց, որ կեղտը այնքան է ներծծվել մաշկի մեջ, որ խոզանակով էլ չես քերի։ Ի՜նչ ձեռնափ ունի Ռութը, նույնիսկ մտաբերելը մեծ բավականություն է պատճառում։ Այդ ափը քնքուշ է, ինչպես վարդի ծաղկաթերթը, զով ու թեթև ինչպես ձյան փաթիլը։ Ինքը երբեք չի մտածել այն մասին, որ կնոջ ձեռքը կարող է լինել այդքան փափուկ ու քնքուշ։ Նա մտածեց, թե ի՜նչ վայելք կարող է տալ այդպիսի մի ձեռքի փաղաքշանքը և այդ միտքը նրան շիկնեցրեց ու շփոթեցրեց։ Այդ միտքը աղջկա նկատմամբ չափազանց կոպիտ էր և նսեմացնում էր նրա հոգեկան գեղեցկությունը։ Ռութը մի դժգույն ոգի էր, մի ուրվական, որը ճախրում էր բարձունքում՝ հեռու, հեռու այն ամենից, ինչ մարմնեղեն է։ Եվ, սակայն, Մարտինը չէր կարողանում իր մտքից հեռու վանել նրա փափուկ ափի հիշողությունը։ Ինքը սովոր է տնային աշխատանքում տանջված կանանց, գործարանայի գործարանային բանվորուհիների կոշտ, կոպտացած ձեռքերին։ Իհարկե ինքը հասկանում էր, թե ինչո՛ւ են նրանց ձեռքերն այդքան կոպիտ, Ռութի ձեռքը քնքուշ և փափուկ է, որովհետև նա երբեք չի աշխատել։ Անդունդը նորից բացվեց իր և Ռութի միջև, երբ նա մտածեց, որ կան մարդիկ, որոնք կարիք չունեն աշխատելու՝ ապրելու համար։ Նրա աչքին հանկարծ պատկերացավ այն արիստոկրատի կերպարը, որը չի աշխատում։ Այդ կերպարը նրան երևաց պատի վրա՝ բրոնզե գոռոզ և ուժեղ մի արձանի ձևով։ Մարտինը ինքն էլ է աշխատել ամբողջ կյանքում, առաջին իսկ հիշողությունները կապված են աշխատանքի հետ․ նրա ամբողջ ընտանիքն էլ աշխատող է եղել։ Վերցնենք հենց Գերտրուդային։ Եթե նրա ձեռքերը չէին կոպտանում տնային անվերջ աշխատանքից, ապա դրանք լվացքից հետո ուռած ու կարմիր էին լինում հորթի խաշած մսի պես։ Եվ կամ վերցնենք նրա մյուս քրոջը՝ Մերիենին։ Անցած ամառ նա աշխատում էր պահածոյի գործարանում, և նրա փոքրիկ, սիրուն ձեռքերը ամբողջովին ճանկըռված էին պոմիդոր կտրող դանակներից։ Բացի այդ, անցած ձմռանը, երբ նա աշխատում էր կարտոնաժի ֆաբրիկայում, նրա երկու մատները կտրեց հատիչ մեքենան։ Մարտինը հիշեց և իր մոր կոպիտ ձեռքերը, որոնք դագաղում խաչաձև դրված էին իրար վրա։ Նրա հայրն էլ էր աշխատել մինչև կյանքի վերջին օրը, և նրա ձեռքերը պատած էին ամեն մեկը գրեթե կես մատնաչափ մեծության կոշտերով։ Իսկ Ռութի ձեռքերը քընքուշ քնքուշ էին, և ոչ միայն նրա․ այլև նրա մոր և եղբայրների ձեռքերը։ Այս բանը առանձնապես զարմացրեց նրան, դա նրանց կաստայի բարձրության պերճախոս նշանն էր, Ռութի և իր՝ Մարտինի միջև գտնվող ահագին տարածության ապացույցը։
Մարտինը դառը քմծիծաղով նստեց մահճակալին ու վերջապես հանեց կոշիկները։ Նա խելագարվել էր, հարբել մի կնոջ դեմքից և փափուկ ու սպիտակ ձեռքերից։ Հանկարծ սվաղած պատի վրա նրա աչքին երևաց մի նոր տեսիլք։ Գիշերով նա կանգնած է Լոնդոնի Իստ-Էնդում գտնվող մի ահագին, մռայլ տան առաջ, իսկ իր կողքին՝ տասնհինգ տարեկան Մարջին՝ ֆաբրիկայի մի բանվորուհի։ Նա այդ աղջկան տուն էր ճանապարհել զբոսախնջույքից հետո։ Աղջիկն ապրում էր այդ մռայլ բնակարանում, ուր խոզն էլ չէր ուզենա ապրել։ Հրաժեշտ տալիս՝ Մարտինը երկարեց նրան իր ձեռքը։ Աղջիկը դեմ արեց իր շրթունքները համբուրվելու համար, բայց Մարտինը չէր ցանկանում նրան համբուրել։ Աղջկա մեջ ինչ֊որ բան խրտնեցնում էր նրան։ Այդ ժամանակ աղջիկը տենդագին սեղմեց նրա ձեռքը։ Մարտինը զգաց նրա փոքրիկ ձեռքի կոշտերը և աղջկա նկատմամբ կարեկցությամբ համակվեց։ Տեսավ նրա պաղատագին, կարոտալի աչքերը, նրա կանացի նիհար կերպարանքը, որի մեջ արդեն զարթնել էր կանացի, անհամարձակ, բայց մոլեգին բնազդը։ Եվ նա, կարեկցությունից մղված, գրկեց աղջկան և համբուրեց նրա շրթունքները։ Նա լսեց աղջկա ուրախ բացականչությունը և զգաց, թե աղջիկը ինչպես, կատվի նման փարվեց իրեն։ Խե՜ղճ, փոքրիկ, վտիտ էակ, Մարտինը դիտում էր այդ հեռավոր անցյալի տեսիլքը։ Նա սարսռեց ամբողջ մարմնով, ինչպես սարսռել էր այն երեկո, երբ աղջիկը փաթաթվեց իրեն և նրա սիրտը ճմլվեց թախծից։ Դա մի գորշ տեսիլ էր․ այն ժամանակ երկինքը գորշ էր և գորշ անձրև էր տեղում փողոցի կեղտոտ սալաքարերի վրա։ Բայց հանկարծ պատի վրա երևաց լուսաշող մի ցոլք, որը մթագնեց բոլոր կերպարանքներն ու տեսիլքները. նրա աչքին շողշողաց Ռութի գունատ դեմքը պսակված ոսկեգույն մազերով, հեռու և անիմանալի աստղերի նման։