== Գլուխ VI։ Քաղցը ==
Գարունն արդեն հեռու չէր, երբ Գորշ Ջրշունի երկար ուղևորությունը վերջացավ։ Ապրիլյան մի օր, երբ նոր էր լրացել Սպիտակ ժանիքի մի տարին, սա կրկին վերադարձավ հին ավանը, ուր և Միթ-Սան արձակեց նրա լծասարքը։ Սպիտակ Ժանիքը թեև լրիվ հասունության չէր մոտեցել, այնուամենայնիվ Լիփ-Լիփից հետո ամենախոշորն էր մի տարեկան լակոտների մեջ։ Հասակը և ուժը ժառանգելով գայլ հորից և Կիչիից նա համարյա հասնում էր չափահաս շներին, բայց զիջում էր նրանց կազմվածքի ամրությամբ։ Նրա մարմինր նիհար էր ու բարեկազմ, կռիվներում հաղթում էր ավելի շուտ ճարպկությամբ, քան թե ուժով, մորթին գորշ էր, ինչպես գայլինն է լինում։ Տեսքով էլ նա թվում էր ամենաիսկական գայլ։ Շան արյունը, որ անցել էր նրան Կիչիից, հետք չէր թողել նրա արտաքինի վրա, սակայն բնավորությունը ձևավորվում էր ոչ առանց մոր մասնակցության։
Սպիտակ ժանիքը թափառում էր ավանում՝ հանգիստ գոհունակությամբ ճանաչելով այն աստվածներին, որոնց ծանոթ էր դեռ ուղևորությունից առաջ։ Պատահում էր այդտեղ նաև լակոտների, որ նույնպես մեծացել էին այդ ժամանակամիջոցում, և չափահաս շների, որ հիմա արդեն այնքան մեծ ու սարսափելի չէին թվում նրան։ Սպիտակ Ժանիքը համարյա դադարեց նրանցից վախենալուց և ման էր դալիս ոհմակի մեջ սկզբնական շրջանում իրեն մեծ գոհունակություն պատճառող անբռնազբոսիկությամբ։
Այդտեղ էր նաև ծերացած Բեսիկը, որի համար առաջ բավական էր ատամները ցույց տալ, և Սպիտակ ժանիքը յոթ սար այն կողմ կփախչեր։ Անցած օրերին Բեսիկը հաճախ էր Uպիտակ Ժանիքին ստիպել համոզվելու իր սեփական ոչնչությանը, բայց հիմա նույն Բեսիկը օգնեց նրան գնահատելու իր մեջ կատարված փոփոխությունները։ Բեսիկը ծերանում էր, զառամում, իսկ Սպիտակ ժանիքը երիտասարդ էր և օրավուր ուժերն ավելանում էին։
Շների հետ ունեցած հարաբերություններում փոփոխությունը պարզ դարձավ Սպիտակ ժանիքին՝ ավան վերադառնալուց քիչ հետո։ Մարդիկ մշակում էին հենց նոր սպանած իշայծյամի միսը։ Նա ստացավ մի կճղակ և սրունքոսկրի մի մասը, որի վրա բավական շատ միս կար։ Կռվող շներից փախչելով անտառ, որպեսզի ոչ մեկը չտեսնի իրեն, Սպիտակ ժանիքն սկսեց ուտել իր բաժինը։ Եվ հանկարծ գրոհեց նրա վրա Բեսիկը։ Դեռ ժամանակ չունենալով մի լավ հասկանալու բանի էությունը՝ Սպիտակ ժանիքը երկու անգամ ատամներով վիրավորեց ծեր շանը ու նետվեց մի կողմ։ Այդպիսի հանդուգն ու սրընթաց հարձակումից ապշած Բեսիկը աչքերն անիմաստ կերպով սևեռեց Սպիտակ Ժանիքի վրա, իսկ ոսկորն ու վրայի թարմ միսը մնաց երկուսի միջև։
Բեսիկը ծեր էր և արդեն իր վրա զգաց այն երիտասարդության խիզախությունը, որին վախեցնելը առաջ դատարկ բան էր նրա համար։ Որքան էլ դառն լիներ, բայց և այնպես կամա թե ակամա ստիպված էր վիրավորանքը կուլ տալ՝ օգնության կանչելով իր ամբողջ իմաստությունը, որպեսզի սխալ բան արած չլիներ երիտասարդ շների առաջ։ Անցած֊գնացած օրերին արդարացի զայրույթը կստիպեր նրան հարձակվել այդ հանդուգն ջահելի վրա, բայց հիմա նվազող ուժերը թույլ չէին տալիս այդպիսի քայլ անելու խիզախել։ Ամբողջ մարմնով փշաքաղվելով՝ նա սպառնալի նայում էր Սպիտակ Ժանիքին, իսկ սա, վերհիշելով իր երբեմնի վախը, կծկվեց մի պստիկ լակոտի պես և արդեն մտովի հաշիվ էր անում, թե ինչպես նահանջի ըստ հնարավորին քիչ խայտառակությամբ։
Ահա հենց այդ ժամանակ էլ Բեսիկը սխալ բան արեց։ Եթե նա բավականանար ահեղ ու վայրագ տեսքով, ամեն ինչ բարվոք կվերջանար։ Փախչելու պատրաստված Սպիտակ Ժանիքը կնահանջեր՝ ոսկորը թողնելով նրան։ Սակայն Բեսիկը չուզեց սպասել, և կարծելով, թե ինքը հաղթեց, երկու քայլ առաջացավ ու հոտոտեց ոսկորը։ Սպիտակ ժանիքը մի փոքր փշաքաղվեց։ Հիմա անգամ կարելի էր փրկել դրությունը։ Եթե Բեսիկը շարունակեր կանգնել գլուխը բարձր պահած, սպառնալի նայելով հակառակորդին՝ Սպիտակ ժանիքը վերջ ի վերջո կծլկեր։ Բայց թարմ մսի հոտը խտտում էր Բեսիկի ռունգները, ուստի չկարողանալով զսպել իրեն՝ նա բռնեց ոսկորը։
Սա արդեն Սպիտակ Ժանիքը չէր կարող հանդուրժել։ Լուծընկերների վրա ունեցած գերիշխանությունը դեռ թարմ էր նրա հիշողության մեջ, և նա արդեն չէր կարող տիրապետել իրեն՝ տեսնելով, թե ինչպես մի ուրիշ շուն լափում է իրեն պատկանող միսը։ Եվ ըստ իր սովորության նա հարձակվեց Բեսիկի վրա՝ չթողնելով, որ սա ուշքի գա։ Առաջին խածումից հետո արդեն ծեր շան աջ ականջը բզիկ-բզիկ կախ ընկավ։ Հարձակման հանկարծակիությունը շշմեցրեց նրան։ Բայց դրանից անմիջապես հետո, և նույնպիսի հանկարծակիությամբ, հաջորդեցին ավելի տխուր դեպքեր. Բեսիկը գլորվեց գետին, իսկ նրա վզի վրա բացվեց մի խոր վերք։ Չթողնելով, որ ծերունին վեր կենա, ջահել շունը երկու անգամ պատռեց նրա ուսը։ Հիրավի ապշեցուցիչ էր հարձակման սրընթացությունը։ Բեսիկը նետվեց Սպիտակ Ժանիքի վրա, բայց նրա ատամները միայն զայրագին կափկափեցին օդում։ Հաջորդ րոպեին պաաառոտվեց Բեսիկի քիթը, և նա երերալով ընկրկեց։
Դրությունը խիստ փոխվեց։ Ոսկորի մոտ կանգնել էր սպառնալի փշաքաղված Սպիտակ ժանիքը, իսկ Բեսիկը կանգնել էր հեռու՝ ուզած րոպեին նահանջելու պատրաստ։ Նա չէր համարձակվում կռվի բռնվել երիտասարդ, կայծակի պես արագաշարժ հակառակորդի հետ։ Եվ նորից, ավելի խոր թախիծով Բեսիկն զգաց մոտեցող ծերությունը։ Արժանապատվությունը պահպանելու նրա փորձը հիրավի հերոսական էր։ Մեջքը հանգիստ շրջելով դեպի ջահել շունը և գետնին ընկած ոսկորը, ասես թե մեկը և թե մյուսը բոլորովին արժանի չէին ուշադրության, նա վեհաշուք հեռացավ։ Եվ միայն այն ժամանակ, երբ Սպիտակ ժանիքն արդեն չէր կարող տեսնել իրեն, Բեսիկը պառկեց գետնին ու սկսեց լիզել իր վերքերը։
Այս դեպքից հետո Սպիտակ Ժանիքը վերջնականապես հավատաց իր ուժերին և խրոխտացավ։ Հիմա նա հանգիստ ման էր գալիս չափահաս շների մեջ, դարձավ ոչ այնքան զիջող։ Ոչ թե կռվելու առիթներ էր փնտրում, բնավ էլ ոչ, այլ պահ անջում էր ուշադրություն դարձնեն իրեն։ Նա պաշտպանում էր իր իրավունքները և չէր ուզում նահանջել այլ շների առաջ։ Հարկ էր լինում հաշվի առնել նրան, ուրիշ ոչինչ։ Ոչ ոք չէր համարձակվում բանի տեղ չդնել նրան։ Լակոտների ճակատագիրն է դա, որի հետ ստիպված են հաշտվել լծվածքի բոլոր շները. լակոտներր ընկրկում էին չափահաս շներից, ճանապարհը զիջում նրանց, երբեմն էլ հարկադրված էին նրանց տալ իրենց բաժին միսը։ Սակայն շփվել չսիրող, միայնակ, մռայլ, ահեղ ու բոլորից խուսափող Սպիտակ Ժանիքին ընդունեցին չափահաս շների շրջանը որպես հավասարի։ Սրանք արագ հասկացան, որ նրան պետք է հանգիստ թողնել, պատերազմ չէին հայտարարում նրան և չէին փորձում բարեկամություն հաստատել նրա հետ։ Նույն ձևով էր վարվում նրանց հետ և Սպիտակ Ժանիքը, և մի քանի ընդհարումից հետո շները համոզվեցին, որ այդ իրադրությունը չտեսնված լավ է և բոլորի սրտով։
Ամռան կեսին մի անսպասելի բան պատահեց Սպիտակ Ժանիքին։ Իր անձայն ու մանր վազքով հասնելով ավանի ծայրը հետազոտելու նոր վիգվամը, որ հաստատել էին այն ժամանակ, երբ ինքը հնդկացիների հետ գնացել էր իշայծյամի որսի, Սպիտակ Ժանիքը պատահեց Կիչիին։ Կանգ առավ ու նայեց նրան։ Նա հիշում էր մորը տարտամորեն, բայց և այնպես _հիշում էր_, իսկ Կիչին մոռացել էր որդուն։ Ահեղաձայն մռնչալով՝ Կիչին ատամները կրճտեց նրա վրա, և Սպիտակ Ժանիքը հիշեց ամեն բան։ Մանկությունն ու այդ մռնչոցի իմաստը հառնեցին նրա առաջ։ Նախքան աստվածներին պաաահելը Կիչին Սպիտակ Ժանիքի համար տիեզերքի կենտրոնն էր։ Հին զգացմունքները վերադարձան ու համակեցին նրան։ Նա ցատկեց դեպի մայրը, որը սակայն երախաբաց դիմավորեց նրան ու ճեղքեց այտը մինչև ոսկորը։ Սպիտակ ժանիքը չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ, և շփոթված ընկրկեց՝ այդպիսի ընդունելությունից շշմած։
Բայց Կիչին հանցավոր չէր․ էգ գայլերը մոռանում են իրենց ձագերին, որոնք արդեն մի տարեկան են կամ ավելի։ Այդպես էլ Կիչին էր մոռացել Սպիտակ Ժանիքին, սա նրա համար անծանոթ էր, օտար, և այն սերունդը, որ ունեցել էր այդ ժամանակամիջոցում, իրավունք էր տալիս թշնամաբար վերաբերվել այդպիսի անծանոթների հետ։
Նրա լակոտներից մեկը սողաց դեպի Սպիտակ ժանիքը։ Երենք էլ չգիտեին, որ խորթ եղբայրներ են։ Սպիտակ Ժանիքը հետաքրքրությամբ հոտոտեց լակոտին, որի համար Կիչին մի անգամ էլ նետվեց նրա վրա ու պատռեց դունչը։ Սպիտակ Ժանիքն ավելի ետ գնաց։ Հառնելու պատրաստվող բոլոր նախկին վերհուշները նորից մեռան ու փոշիացան։ Նա նայեց Կիչիին, որը լիզում էր իր ձագին ու երբեմն բարձրացնում գլուխը և մռնչում։ Հիմա Կիչին պետք չէր Սպիտակ Ժանիքի համար։ Նրա աշխարհում տեղ չէր մնացել Կիչիի համար, ինչպես որ մոր աշխարհում տեղ չէր մնացել Սպիտակ Ժանիքի համար։
Վերհուշներ ասես չէին էլ եղել, նա կանգնել էր շփոթված, տեղի ունեցածից շշմած։ Եվ այդ միջոցին Կիչին երրորդ անգամ խոյացավ դեպի նա՝ աչքից հեռու քշելով։ Սպիտակ ժանիքը հնազանդվեց։ Կիչին էգ էր, իսկ նրա ցեղի հաստատած օրենքով՝ արուները չպետք է կռվեն էգերի հետ։ Սպիտակ Ժանիքը անտեղյակ էր այդ օրենքին և հասու եղավ դրան ոչ թե կենսափորձով, այլ բնազդը թելադրեց նրան այդ օրենքը, այն նույն բնազդը, որր մղում էր նրան լուսնահաչ տալ, ոռնալ աստղերի վրա, վախենալ մեռնելուց ու անհայտից։
Ամիսներն իրար էին հաջորդում։ Սպիտակ Ժանիքի ուժերը հետզհետե ավելանում էին. նա դառնում էր խոշոր ու լայնաթիկունք, իսկ բնավորությունը զարգանում էր այն ուղղությամբ, որ կանխորոշել էին ժառանգականությունն ու շրջապատը։ Սպիտակ Ժանիքը ստեղծված էր կավի նման փափուկ և բազմաթիվ ու բազմազան հնարավորություններ պարունակող նյութից։ Միջավայրը այդ նյութից քանդակել էր այն ամենը, ինչ հաճո էր իրեն ու տվել էր ուզած ձևը։ Օրինակ՝ եթե Սպիտակ Ժանիքը չմոտենար մարդու վառած կրակին, հյուսիսը իսկական գայլ կդարձներ նրան։ Բայց աստվածները պարգևել էին նրան մի այլ միջավայր, և Սպիտակ Ժանիքից սաացվեց շուն, որի մեջ գայլային շատ բան կար թեև, բայց և այնպես շուն էր նա և ոչ թե գայլ։
Եվ ահա շրջապատի իրադրության ազդեցությամբ այն փափուկ նյութը, որից կերտված էր Սպիտակ Ժանիքը, որոշակի ձև ստացավ։ Անխուսափելի էր դա։ Նա հետզհետե ավելի էր մռայլվում, դառնում չար, խուսափում իր եղբայրակիցներից։ Եվ սրանք հասկացան, որ ավելի լավ է հաշտ ապրել նրա հետ, քան թե թշնամանալ, իսկ Գորշ Ջրշունը օր օրի վրա ավելի էր գնահատում նրան։
Սակայն մեծանալը չկարողացավ ազատել նրան մի թուլությունից. նա չէր հանդուրժում, երբ ծիծաղում էին իր վրա։ Մարդկային ծիծաղը համբերությունից հանում էր նրան։ Մարդիկ կարող էին իրենց մեջ ծիծաղել ինչի վրա ասես, և նա բնավ ուշք չէր դարձնում դրան։ Սակայն բավական էր, որ մեկը իր վրա ծիծաղի, և նա կատաղում էր. այդ ծանրաբարո, արժանապատվությամբ լի շունը մոլեգնում էր անհեթեթության աստիճան։ Ծիծաղը այնպես էր կատաղեցնում նրան, որ նա դառնում էր իսկական դև։ Եվ վա՜յ այն լակոտներին, որոնք այդ պահերին պատահում էին նրան։ Նա շատ լավ էր իմանում օրենքը, ուստի և ոխը Գորշ Ջրշունից չէր հանում. Գորշ Ջրշունին օգնում էին մահակն ու խելքը, իսկ լակոտները ոչինչ չունեին, բացի արձակ տարածությունից, որը և փրկում էր նրանց, երբ իրենց առաջ տնկվում էր ծիծաղից կատաղության հասած Սպիտակ Ժանիքը։
Երբ Սպիտակ ժանիքը մտավ իր երրորդ տարին, Մաքենզիի ափերին ապրող հնդկացիները մատնվեցին սովի։ Ամռանը ձուկ չորսացվեց, ձմռանն էլ եղջերուները հեռացան իրենց սովորական վայրերից։ Իշայծյամներ հազվադեպ էին պատահում, նապաստակներն էլ գրեթե անհետացան։ Գիշակեր գազանները սատկում էին։ Քաղցած, սովից թուլացած՝ նրանք սկսեցին իրար լափել։ Ողջ էին մնում միայն ուժեղներր։ Սպիտակ Ժանիքի աստվածները միշտ էլ զբաղվում էին որսորդությամբ։ Նրանցից ծերերն ու թույլերը մեռնում էին իրար հետևից։ Ավանից միշտ լացի ձայն էր գալիս։ Կանայք ու երեխաները իրենց խղճուկ սննդաբաժինը զիջում էին նիհարած, սմքած որսորդներին, որոնք չափչփում էին անտառը՝ որս ճարելու սին հույսով։
Քաղցը աստվածներին այնպիսի ծայրահեղության հասցրեց, որ նրանք սկսեցին ուտել դաբաղած կաշուց պատրաստված իրենց մոքասիններն ու թաթպանները, շներն էլ իրենց լծասարքն ու նույնիսկ խարազանները։ Բացի դրանից, շներն ուտում էին միմյանց, աստվածներն էլ շուն էին ուտում։ Նախ կերան ամենաթույլերին և սակավարժեքներին։ Ողջ մնացած շները տեսնում էին այդ բոլորը և հասկանում էին, որ նույն վախճանն է սպասում իրենց։ Ավելի համարձակ ու ավելի խելացիները հեռացան մարդու վառած խարույկներից, որոնց մոտ հիմա սպանդ էր տեղի ունենում, ու փախան անտառ, ուր նրանց սպասում էին սովամահությունը կամ գայլի ատամները։
Այդ ծանր շրջանում Սպիտակ Ժանիքն էլ փախավ անտառ։ Նա ավելի էր ընտելացած կյանքին, քան մյուս շները. երևան էր գալիս մանկության ամիսներին անցած դպրոցը։ Առանձնակի վարպետությամբ էր նա դարանամուտ լինում մանր գազաններին։ Նա կարող էր ժամերով հետամուտ լինել զգուշավոր սկյուռի յուրաքանչյուր շարժումին ու սպասել, որ նա ծառից իջնի գետին, ըստ որում այնպիսի անսահման համբերություն էր ունենում, որը ոչ մի բանով պակաս չէր նրան տանջող քաղցից։ Սպիտակ ժանիքը երբեք չէր շտապում, սպասում էր այնքան, մինչև հնարավոր լինի վստահ գործել առանց վախենալու, որ սկյուռը նորից կծլկի ու կբարձրանա ծառը։ Այդ Ժամանակ, և միայն այդ ժամանակ, Սպիտակ ժանիքը կայծակնային արագությամբ դուրս էր նետվում իր դարանից այն արկի պես, որը երբեք չի վրիպում նշված նպատակակետից. նա նետվում էր դեպի սկյուռը, որին չէին կարող փրկել նրա արագավազ ոտքերը։
Ու թեև սկյուռի որսը սովորաբար հաջող էր վերջանում, այնուամենայնիվ մի հանգամանք խանգարում էր Սպիտակ Ժանիքին կուշտ ուտել. սկյուռներ քիչ էին պատահում, և նա կամա թե ակամա ստիպված էր ավելի մանր կենդանիներ որսալ։ Երբեմն քաղցը այնպես էր տանջում նրան, որ նույնիսկ չէր հրաժարվում բները քանդելուց ու մկներ բռնելուց։ Նա չխորշեց նաև կռվի բռնվել աքիսի հետ, որը նույնպես քաղցած էր, ինչպես ինքը, բայց հազարապատիկ ավելի կատաղի էր։
Երբ քաղցր շատ էր տանջում Սպիտակ Ժանիքին, նա գաղտագողի մոտենում էր աստվածների խարույկներին, բայց բոլորովին մոտ չէր գնում։ Նա չափչփում էր անտառը և կողոպտում թակարդները, երբ հազվադեպ որս էր ընկնում այնտեղ։ Մի անգամ էլ նա կողոպտեց այն թակարդը, որ Գորշ Ջրշունն էր լարել, իսկ Գորշ Ջրշունն այդ միջոցին երերալով ման էր գալիս անտառում և ստեպ-ստեպ նստում էր հանգստանալու՝ թուլությունից հազիվ շունչ քաշելով։
Մի անգամ էլ Սպիտակ Ժանիքը պատահեց մի ջահել, հյուծված և ոտքի վրա հազիվ կանգնել կարողացող գայլի։ Եթե Սպիտակ Ժանիքը այդքան քաղցած չլիներ, հավանորեն նրա հետ էլ ճանապարհը շարունակեր և վերջ ի վերջո միանար գայլերի ոհմակին, բայց հիմա այլ բան չէր մնում նրան անելու, եթե ոչ ընկնելու գայլի հետևից, հոշոտելու և ուտելու նրան։
Բախտը կարծես բարյացակամ էր Սպիտակ ժանիքի հանդեպ։ Ամեն անգամ, երբ ուտելիքի պակասը առանձնապես, սուր էր զգացվում, նա մի որևէ որս գտնում էր։ Բախտը նրան չդավաճանեց անգամ այն օրերին, երբ ուժը բոլորովփն սպառվեց, իսկ այդ շրջանում խոշոր գիշատիչները նրան չնկատեցին։ Մի անգամ նա փորը պնդացրեց մի լուսանով, որը ուղիղ երկու օր բավարարեց նրան։ Հետո Սպիտակ ժանիքը հանդիպեց գայլերի ոհմակի։ Սկսվեց մի երկար ու դաժան հետապնդում. բայց Սպիտակ Ժանիքը գայլերից ավելի ամրակազմ էր և վերջ ի վերջո խույս տվեց նրանցից։ Եվ ոչ միայն խույս տվեց, այլև մի խոշոր շրջան կատարեց ու ետ դառնալով՝ հարձակվեց իրեն հետապնդած մի ուժասպառ գայլի վրա։
Շուտով Սպիտակ Ժանիքը թողեց այդ վայրերը և ուղղվեց դեպի հովիտը՝ իր հայրենիքը։ Որոնեց գտավ իր նախկին որջը և այդտեղ տեսավ Կիչիին։ Կիչին նույնպես լքել էր աստվածների անհյուրընկալ խարույկները և հենց որ հասել էր ցնկնելու ժամանակը, վերադարձել էր անձավը։ Երբ այդտեղ հայտնվեց Սպիտակ Ժանիքը, Կիչիի բոլոր ձագերից մնացել էր միայն մեկը, սա էլ իր վերջին օրերն էր ապրում, երիտասարդ կյանքի համար դժվար էր այդպիսի սովից փրկվելը։
Չեր կարելի ջերմ անվանել այն ընդունելությունը, որ Կիչին ցույց տվեց իր մեծացած որդուն։ Բայց Սպիտակ ժանիքը անտարբեր նայեց դրան։ Այլևս մոր կարիք չզգալով՝ նա անայլայլ շուռ եկավ ու վազեց գետակն ի վեր։ Նրա ձախ վտակի մոտ Սպիտակ Ժանիքը գտավ այն լուսանի որջը, որի հետ ժամանակին ստիպված էր եղել կռվել մոր հետ կողք-կողքի։ Այդտեղ՝ լքված բնում, նա պառկեց ու ամբողջ օրը հանգստացավ։
Ամառնամուտին, երբ սովահարությունը մոտենում էր վախճանին, Սպիտակ Ժանիքը պատահեց Լիփ-Լիփին, որը նույնպես, ինչպես և ինքը, փախել էր անտառ և ողորմելի գոյություն էր պահպանում այնտեղ։ Սպիտակ Ժանիքը բոլորովին անսպասելի կերպով պատահեց նրան։ Հակառակ կողմերից շրջանցելով դիք ափի ելուստը՝ նրանք միաժամանակ դուրս նետվեցին բարձր ժայռի հետևից և քիթ-քթի ընդհարվեցին իրար։ Երկուսն էլ այդպիսի հանդիպումից վախեցած՝ անշարժացան ու հայացքները գամեցին միմյանց վրա։
Սպիտակ Ժանիքի վիճակը հիանալի էր։ Այդ ամբողջ շաբաթը նա հաջող որս էր արել, շատ էր կերել, իսկ իր վերջին ավարից լիուլի հղփացել էր։ Սակայն բավական էր տեսնել Լիփ֊Լիփին, որ մեջքի մազերը ցից֊ցից տնկվեն։ Նա փշաքաղվեց բոլորովին ինքնաբերաբար. անցյալում բարկության այդ արտաքին դրսևորումն ուղեկցում էր կռվարար Լիփ֊Լիփի հետ ունեցած ամեն մի հանդիպումին, և տեսնելով իր թշնամուն՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց նրա վրա։ Ոչ մի րոպե զուր չանցավ։ Ամեն ինչ արվեց արագ, մի ակնթարթում։ Լիփ֊Լիփն ընկրկեց, բայց Սպիտակ ժանիքը ուս-ուսի բախվեց նրան, գլորեց մեջքի վրա և ատամները խրեց նրա ջլուտ վզի մեջ։ Լիփ֊Լիփը տապլտկվում էր մերձիմահ ջղաձգություններից, իսկ Սպիտակ Ժանիքը պտույտ էր գալիս շուրջը՝ առանց աչքը կտրելու նրանից։ Այնուհետև նա շարունակեց իր ճամփան և անհետացավ ափի դիք ոլորանի հետևը։
Դրանից շատ չանցած Սպիտակ ժանիքը դուրս եկավ անտառի եզրը և նեղ բացատով իջավ դեպի Մաքենզի գետը։ Առաջ էլ էր եղել նա այդտեղ, բայց այն ժամանակ ամայի էր այդ ափը, իսկ հիմա ավան էր երևում։ Սպիտակ Ժանիքը կանդ առավ և առանց ծառերի հետևից դուրս գալու, սկսեց զննել։ Ձայներն ու հոտերը ծանոթ թվացին նրան։ Հին ավանն էր դա, միայն թե տեղն էր փոխել, բայց ձայների ու հոտերի մեջ մի նոր բան էր զգացվում։ Ո՛չ ոռնոց էր լսվում, ո՛չ էլ լաց։ Այդ հնչյունները բավարարվածություն էին արտահայտում։ Եվ երբ Սպիտակ Ժանիքը լսեց մի բարկացած կանացի ձայն, հասկացավ, որ այդպես բարկանալ կարելի է միայն այն ժամանակ, երբ փորը կուշտ է։ Օդից ձկան հոտ էր գալիս, ուրեմն ավանում ուտելիք կար։ Սովը վերջացել էր։ Եվ նա համարձակ դուրս եկավ անտառից ու վազեց ուղիղ դեպի տիրոջ վիգվամը։ Տերն ինքը տանը չէր, բայց Կլու֊Քուչը Սպիտակ ժանիքին դիմավորեց հրճվագին աղաղակներով, մի ամբողջ թարմ ու խոշոր ձուկ տվեց նրան, նա էլ պառկեց և սկսեց սպասել Գորշ Ջրշունի վերադառնալուն։
= ՄԱՍՆ ՉՈՐՐՈՐԴ =