Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք վեցերորդ

Ավելացվել է 13 145 բայտ, 11:22, 24 Փետրվարի 2015
/* է) Վասն աղոթքի, սիրո և այլ աշխարհների հետ հաղորդակցության */
==== է) Վասն աղոթքի, սիրո և այլ աշխարհների հետ հաղորդակցության ====
 
Պատանյա՛կ, մի՛ մոռանար աղոթել։ Ամեն անգամ աղոթքի մեջ քո, եթե անկեղծ է, պիտի մի նոր զգացում առկայծի, իսկ այդ զգացման մեջ մի նոր միտք, որ չգիտեիր առաջ, և որ պիտի վերստին քաջալերի քեզ. ու պիտի հասկանաս, որ աղոթքը դաստիարակություն է։ Հիշիր նաև այս. ամեն օր և երբ որ կարող ես՝ կրկնիր մտքի մեջ քո. «Ողորմյա, տե՜ր, բոլոր նրանց, որոնք կանգնում են այժմ քո առաջ»։ Վասնզի ամեն ժամ և ամեն վայրկյան այս երկրի վրա հազարավոր մարդիկ հեռանում են կյանքից, և հոգիները նրանց կանգնում են աստուծո առաջ. ու նրանցից քանի՜-քանիներն են առանձնության մեջ հրաժեշտ տալիս երկրին, մնալով անհայտ, տխուր ու վշտացած, որ ոչ ոք չի գթում իրենց և նույնիսկ ոչ ոք չգիտե ամենևին, թե ապրե՞լ են իրենք կամ ոչ։ Եվ ահա, թերևս երկրի մյուս ծայրից բարձրանա առ աստված աղոթքը քո՝ վասն խաղաղության նրա հոգու, թեպետ և ամենևին չէիր ճանաչում դու հանգուցյալին, իսկ նա՝ քեզ։ Աստուծո առաջ երկյուղահար կանգնած նրա հոգին ինչպիսի խանդաղատանքով կլեցվի այդ վայկյանին, երբ զգա, թե իր համար ևս կա մի աղոթող, թե իրեն ևս սիրող մի մարդկային էակ է մնացել երկրի վրա։ Եվ աստված ավելի ողորմածորեն կնայի ձեզ երկուսիդ, վասնզի եթե դո՛ւ ես այնքան գթացել հանգուցյալի հոգուն, ապա որքա՜ն ևս առավել պիտի գթա աստված, որ անհունորեն ավելի ողորմած է ու սիրազեղ, քան դու։ Ու կների նրան քո սիրույն։
 
Եղբայրնե՛ր, մի՛ վախենաք մարդկանց մեղքերից, սիրեցեք մարդուն՝ իր մեղքերով իսկ, վասնզի սերն այդ նման է աստվածային սիրո և գերագույն սերն է ի վերա երկրի։ Սիրեցեք համայն ստեղծագործությունն աստուծո, թե՛ ամբողջությունը, թե յուրաքանչյուր ավազահատիկը նրա։ Սիրեցե՛ք աստուծո ստեղծած ամեն մի տերև, ամեն մի ճառագայթ։ Սիրեցե՛ք կենդանիներին, սիրեցե՛ք բույսերին, սիրեցե՛ք ամեն բան։ Սիրելով ամեն բան՝ իրերի մեջ կըմբռնես խորհուրդն աստվածային։ Ըմբռնելով մի անգամ՝ կսկսես առավել ու առավել իմանալ խորհուրդն այդ հետզհետե, անդադար, օր ավուր։ Եվ ի վերջո կսիրես աշխարհն ամբողջ՝ արդեն համայնական, համասփյուռ սիրով։ Սիրեցե՛ք կենդանիներին, մտածման սկզբնատարրերը և անվրդով ուրախություն է տվել նրանց աստված։ Մի՛ վրդովեք ուրախությունն այդ, մի՛ տանջեք նրանց, մի՛ զրկեք նրանց երջանկությունից, մի՛ հակառակվեք մտածմանն աստուծո։ Մա՛րդ, մի՛ գոռոզանար կենդանիների հանդեպ, անմեղ են նրանք, իսկ դու, քո մեծությամբ հանդերձ, նեխոտում ես երկիրը քո երևմամբ և քեզնից հետո թողնում ես շարավոտ հետքը քո. այդպես է գրեթե յուրաքանչյուր ոք մեզնից, ավա՜ղ։ Մանուկներին հատկապե՛ս սիրեցեք, զի նրանք ևս անմեղ են հրեշտակաց նման, և ապրում են՝ խանդաղատանքով լեցնելու և մաքրազարդելու համար սրտերը մեր, մի տեսակ ուղեցույց ծառայելու մեզ։ Վա՜յ նրան, որ վիրավորում է հոգին մանկան։ Իսկ ինձ հայր Անֆիմն է սովորեցրել սիրել փոքրիկներին. մեր թափառումների ժամանակ պատահում էր հաճախ, որ նա, ընդհանրապես հեզահամբույր ու սակավախոս մարդ, քաղցրաբլիթ ու շաքարեղեն էր գնում մեր հանգանակած դահեկաններով ու բաժանում էր նրանց։ Չէր կարող առանց խոր հուզմունքի անցնել երեխաների մոտով, այդպիսին էր մարդը։
 
Լինում են մտքեր, որոնց առաջ մնում ես տարակուսած. հատկապես երբ տեսնում ես մեղքերը մարդկանց, և հարց ես տալիս դու քեզ, «Ուժո՞վ հաղթահարեմ, թե խոնարհ սիրով»։ Միշտ որոշիր, «Խոնարհ սիրով հաղթահարեմ»։ Եթե մի անգամ ընդմիշտ վճռես այդպես, աշխարհն ամբողջ կարող ես նվաճել։ Սիրազեղ խոնարհությունը ահռելի ուժ է, բոլոր ուժերից հզորագույնը, որի նման ոչինչ չկա։ Ամեն օր ու ամեն ժամ, ամեն րոպե շրջահայաց եղիր անձիդ նկատմամբ ու հսկիր քեզ, որ բարեվայելուչ լինի կերպարը քո։ Ահա անցնում ես փոքրիկ երեխայի մոտից, անցնում չարացած, գեշ խոսքեր ասելով, հոգիդ ցասմամբ լեցուն, գուցե չես էլ նկատում երեխային, բայց նա տեսնում է քեզ, և ողորմելի ու անշնորհ կերպարը քո մնում է գուցե փոքրիկ ու անպաշտպան սրտում։ Դու չգիտես այդ, բայց գուցե դրանով իսկ մի չարաղետ սերմ նետեցիր արդեն նրա մեջ, իսկ սերմն այդ գուցե ծլի ու մեծանա, և ամբողջ այն պատճառով, որ դու չզգուշացար երեխայի առաջ, որովհետև շրջահայաց ու գործունյա սիրո ոգով չես դաստիարակել դու քեզ։ Եղբայրնե՛ր, սերն ուսուցիչ է, բայց պետք է գիտենալ, թե ինչպե՛ս կարելի է ձեռք բերել այն, վասնզի դժվար է ձեռք բերվում սերը, թանկ է գինը նրա, երկար աշխատանք ու երկար ժամանակ է պետք վաստակելու համար։ Զի պետք է սիրել ոչ թե պատահաբար ու մի ակնթարթ, այլ առընդմիշտ։ Իսկ պատահաբար սիրել՝ կարող է ամեն ոք, չարագործն անգամ կսիրի։ Պատանի եղբայրն իմ ներումն էր խնդրում թռչնակներից, կարծես թե անիմաստ է այդ, բայց ճշմարիտ է արդարև, քանզի աշխարհն օվկիանոսի է նման, ամեն ինչ հոսում է և շփվում մեկը մյուսին, այստեղ կատարված հպումն արձագանք է տալիս աշխարհի մյուս ծայրում։ Թեկուզ և խենթություն լինի ներումն խնդրել թռչնակներից, բայց չէ՞ որ թռչնակներն էլ, երեխան էլ ու ամեն մի կենդանի արարած ավելի ուրախ կզգար քո շուրջ, գոնե դույզն ինչ ավելի ուրախ, եթե դու ինքդ ավելի բարեզարդ լինեիր, քան այժմ։ Աշխարհն օվկիանոսի է նման, ասում եմ ձեզ։ Հայնժամ թռչնակներին ևս կուղղեիր աղոթքը քո, համայնական սիրով տենչավառ, մի տեսակ հափշտակությամբ ցնծուն, և կաղաչեիր, որ նրանք ևս թողություն շնորհեն քո մեղքերին։ Ուրեմն թանկ գնահատիր հափշտակությունն այդ ցնծագին, որքան էլ դա անիմաստ թվա մարդկանց։
 
Բարեկամնե՛ր իմ, խնդրեցեք, որ ուրախություն տա աստված ձեզ։ Ուրախ եղեք մանուկների նման, թռչունների նման երկնային։ Ու թող ձեր գործունեության մեջ չխռովի ձեզ մեղքը մարդկանց, մի՛ վախենաք, որ մեղքն այդ կխափանի գործը ձեր և արգելք կլինի դրա կատարման, մի՛ ասեք՝ «Հզոր է մեղքը, հզոր է պղծությունը, հզոր է գեշ միջավայրը, իսկ մենք միայնակ ենք ու անզոր, գեշ միջավայրը կխափանի մեզ և արգելք կլինի բարի գործերի կատարման»։ Խույս տվեք այդ վհատությունից, մանկտի՛ք։ Մեկ փրկություն միայն ունես այդ պարագային. վերցրու ինքդ քեզ ու քե՛զ իսկ պատասխանատու նկատիր մարդկային բոլոր մեղքերի համար։ Բարեկա՛մդ իմ, չէ՞ որ այդպես է հիրավի, քանզի բավավական է միայն, որ ինքդ քեզ անկեղծորեն պատասխանատու նկատես ամեն ինչի և բոլորի համար, իսկույն ևեթ կտեսնես, որ այդ այդպես է արդարև, և որ դու ինքդ մեղավոր ես բոլորի և ամեն ինչի համար։ Իսկ սեփական ծուլությունդ ու անզորությունդ ուրիշ մարդկանց վրա նետելով, վերջ ի վերջո հաղորդակից կլինես սատանայական հպարտության և կտրտնջաս աստուծո դեմ։ Ապա և սատանայական հպարտության մասին մտածում եմ այսպես, երկրի վրա մեզ համար դժվար է իսկ ըմբռնել այն, ուստի որքան հեշտ է ընկնել սխալի մեջ և հաղորդակից լինել նրրան, ու տակավին կարծել նաև, թե վսեմ ու գեղեցիկ մի բան ենք անում։ Ու հիրավի, մեր մարդկային բնության ուժեղագույն զգացումներից ու շարժումներից շատերն առայժմ չենք կարող ըմբռնել երկրի վրա. այս ևս թող չգայթակզեցնի քեզ, և մի՛ մտածիր, թե այս կարող է իբրև արդարացում ծառայել քեզ որևէ բանի համար, քանզի դատավորն հավիտենական քեզնից կպահանջի այն, ինչ կարող էիր ըմբռնել, և ոչ թե այն, ինչ չէիր կարող. ինքդ կհամոզվես այն ժամանակ, որովհետև ամեն ինչ կտեսնես ճշտորեն ու չես վիճարկի այլևս։ Իսկ երկրի վրա կարծես թե խարխափում ենք արդարև, ու եթե չլիներ մեր առաջ թանկագին պատկերը Քրիստոսի, ապա բոլորովին կմոլորվեինք ու կկործանվեինք իսպառ, ինչպես մարդկային ցեղը ջրհղեղից առաջ։ Երկրի վրա շատ բան գաղտնիք է մեզ համար, բայց դրա փոխարեն շնորհված է մեզ այն զգացողությունը խորախորհուրդ, որով զգում ենք մեր կենդանի կապը մյուս աշխարհի հետ. երկնային ու բարձրագույն աշխարհի, ու նաև արմատները մեր մտքերի ու զգացումների ոչ թե այստեղ են, այլ ուրիշ աշխարհներում։ Ահա թե ինչու փիլիսոփաներն ասում են, թե մեր երկրի վրա հնարավոր չէ ըմբռնել էությունն իրերի։ Աստված սերմեր է վերցրել այլ աշխարհներից, ցանել է այս երկրի վրա և իր պարտեզն աճեցրել. ու բողբոջել է ամեն ինչ, որ կարող էր բողբոջել, սակայն աճածն ապրում է ու կենդանի մնում՝ ուրիշ խորհրդավոր աշխարհների հետ իր հաղորդակցության զգացմամբ միայն։ Եթե զգացումն այդ թուլանա կամ ոչնչանա քո մեջ, ապա կմահանա և այն, որ աճեցրել էր քո մեջ աստված։ Հայնժամ անտարբեր կդառնաս կյանքի նկատմամբ ու նույնիսկ կատես կյանքը։ Այսպես եմ մտածում։
==== ը) Հնարավոր է արդյոք, որ մարդ մարդու դատավորը լինի: Մինչև վերջ աներեր հավատքի մասին ====
==== թ) Վասն դժոխից և դժոխային հրո, միստիկ դատողություն ====
Վստահելի
1318
edits