Changes

Պատահար թարգմանչի հետ

Ավելացվել է 2 բայտ, 18:05, 30 Հունվարի 2013
:   Դռնից ներս նայելով տեսանք, որ սենյակը լուսավորում է միայն կրակի աղոտ կապույտ բոցը՝ առկայծելով փոքրիկ պղնձե կրակարանի մեջտեղում։ Այն հատակի վրա անբնական, մեռնող լույսի շրջանակներ էր առաջացնում, իսկ մթան խորքում, պատի մոտ, մենք տարբերեցինք երկու անորոշ, ծռմռված ստվերներ։ Բացված դռնից դուրս ձգվեց սարսափելի թունոտ ծուխը, որից մենք շնջահեղձ եղանք և հազացինք։ Հոլմսը աստիճաններով վազեց մինև վերջ, որպեսզի մաքուր օդ շնչի և հետո սենյակ նետվելով՝ թափով բացեց պատուհանը և դուրս նետեց վառվող կրակարանը։
:   ― Մեկ րոպեից կարող ենք ներս մտնել, ― խռխռաց նա, դարձյալ հարթակ նետվելով։ ― Որտե՞ղ է մոմը։ Դժվար թե մենք կարողանանք լուցքի վառել այսպիսի ածխահորում։ Դու, Մայքրոֆտ, կկանգնես դռան մոտ և կլուսավորես, իսկ մենք նրանց դուրս կբերենք։ Դե, մտնենք, հիմա կարելի է։
:   Մենք նետվեցինք թունավորվածների մոտ և նրանց հարթակ քարշ տվեցինք։ Երկուսն էլ անգիտակից վիճակում էին, կապտած շրթունքներով, ուռած, արյուն լցվաց դեմքերով և դուրս պրծած աչքերով։ Նրանց դեմքերն այնքան էին այլանդակվել, որ միայն սև մորուքն ու ամրակազմ, կարճահասակ կերպարանքը հնարավորություն տվեցին ճանաչեկու ճանաչելու դրանցից մեկին՝ հույն թարգմանչին, որից մենք բաժանվել էինք ընդամենը մի քանի ժամ առաջ «Դիոգենեսում»։ Նրա ոտքերն ու ձեռքերը ամուր կապված էին, աչքին նկատելի էր ուժեղ հարվածի հետք։ Պարզվեց, որ երկրորդը բարձրահասակ էր, վերին աստիճանի հյուծված, նա ևս կապկպված էր, և սպեղանու մի քանի շերտեր պատել էին դեմքը արտասովոր Նախշերով։ Երբ նրան դրեցինք հատակին, նա դադարեց տնքալուց, և մի հայացքից հասկացա, որ մեր օգնությունն այստեղ ուշացած է։ Բայց միտր Մելասը դեռ ողջ էր, և, դիմելով անուշադրի սպիրտի ու բրենդիի օգնությանը, ևես, մեկ ժամ էլ չանցած, տեսնելով, թե ինչպես է նա աչքերը բացում, բավականությաբ համոզվեցի, որ իմ ձեռքը ետ բերեց նրան այն մթին հովտից, ուր տանում են բոլոր ճամփաները։
:   Այն, ինչ նա մեզ պատմեց, շատ պարզ էր և հաստատում էր միայն մեր սեփական հետևությունները։ Այցելուն, հազիվ մտնելով Փել֊ՄԵԼ փողոցի վրայի նրա սենյակը, թեզանիքից դուրս է քաշել արճիճով լեցուն դագանակը և անմիջական ու անխուսափելի մահվան սպառնալիքի տակ երկրորդ անգամ էր կարողացել փախցնել նրան։ Այդ սրիկան իր քմծիծաղով դժբախտ պոլիգլոտի վրա համարյա հիպնոսող ինչ֊որ ազդեցություն էր թողել՝ նույնիսկ հիմա էլ, հազիվ էր սկսել խոսել նրա մասին, ձեռքերը սկսեցին դողալ և դեմքը գունատվեց։ Նրան բերելով Բեկենհեմ երկրորդ հարցաքննության, որն ավելի դրամատիկական էր, քան առաջինը, անգլիացիները սպառնացին անմիջապես բանտարկյալի վերջը տալ, եթե նա չկատարի իրենց պահանջները։ Վերջ ի վերջո, համոզվելով, որ ոչ մի սպառնալիքով նրան չես ընկճի, ետ տարան իր բանտը, իսկ հետո հայհոյելով Մելասին իր դավաճանության՝ հայտարարության միջոցով գաղտնիքը բացելու համար, շշմեցրին նրան դագանակի հարվածով, և նա այլևս ոչինչ չէր հիշում, մինչև իր վրա խոնարհված մեր դեմքերը տեսնելը։
:   Այսպիսին էր հույն թարգմանչի արտառոց պատմությունը, ուր մինչև հիմա էլ շատ թաքնված գաղտնիքներ կան։ Կապվելով հայտարարությանը արձագանքած ջենտլմենի հետ, մենք պարզեցինք, որ դժբախտ օրիորդը սերում է հարուստ հույն ընտանիքից և Անգլիա էր եկել՝ հյուրընկալվելու իր ծանոթների մոտ։ Նրանց տանը ծանոթացել է Հարոլդ Լաթիմեր անունով մի երիտասարդի հետ, որը նրա վրա իշխանություն է ձեռք բերում և, վերջ ի վերջո, նրան մղում է փախուստի։ Ընկերները զայրացած նրա վարքից, պատահածի մասին իմաց են տալիս Աթենք՝ նրա եղբորը, և դրանով էլ սահմանափակվում են։ Եղբայրը, ժամանելով Անգլիա, անզգուշաբար հայտնվում է Լաթիմերի և նրա մեղսակից Ուիլսոն Կեմպի՝ կեղտոտ անցյալ ունեցող մի մարդու ձեռքերում։ Այդ երկուսը տեսնելով, որ հույնը անգլերեն չգիտե և միանգամայն անօգնական է, փորձում են սովի և խոշտանգումների միջոցով նրա և քրոջ ամբողջ կարողությունը դարձցնել իրենց անունով։ նրան տանը պահել են քրոջից գաղտնի, իսկ դեմքի սպեղանիները նրա համար էին, որ օրիորդը, եթե պատահաբար տեսներ, չկարողանար ճանաչել եղբորը։ Բայց խորամանկությունը չօգնեց, օրիորդն, իր կանացի սուր հայացքով, անմիջապես ճանաչում է եղբորը, երբ նրան տեսնում է թարգմանչի առաջին այցի ժամանակ։ Սակայն դժբախտ աղջիկն ինքն էլ էր բանտարկյալ, քանի որ տանը ուրիշ սպասավորներ չկային բացի կառապանից և նրա կնոջից, որոնք չարամիտների ձեռքում հլու գործիք էին։ Համոզվելով, որ իրենց գաղտնիքը բացահայտված է և գերուց ոչինչ չեն կարող կորզել, սրիկաները փախել են աղջկա հետ, մեկնելուց երկու֊երեք ժամ առաջ հրաժարվելով իրենց վարձած կահավորված տնից և հասցնելով, ինչպես իրենք էին ենթադրում, վրեժխնդիր լինել երկուսից էլ՝ այն մարդուց, որը չխոնարհվեց իրենց առաջ և նրանից, որը համարձակվեց մատնել իրենց։
140
edits