«Խմբերգեր «Վէմ»֊ից»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
Տող 612. | Տող 612. | ||
[[Կատեգորիա:Գրքեր]] | [[Կատեգորիա:Գրքեր]] | ||
+ | [[Կատեգորիա:Պոեզիա]] |
20:31, 25 Փետրվարի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Թ․ Ս․ Էլիոթ |
1
- Արծիւը ճախրում է երկնքի բարձունքում,
- որսորդն իր շներով հետեւում է նրա շրջապտոյտին:
- Օ՜, յաւերժական պտոյտ համադրուած աստղերի,
- Օ՜, յաւերժական կրկնութիւն տարուայ եղանակների,
- Օ՜, աշխարհ գարնան ու աշնան, ծննդեան ու մահուան:
- Մտքի ու գործի յաւերժական հերթափոխութիւնը,
- Յաւերժական գիւտարարութիւնն ու փորձարարութիւնը
- տալիս են գիտելիք շարժման, բայց ոչ հանդարտութեան,
- գիտելիք խօսքի, բայց ոչ լռութեան,
- գիտելիք բառերի եւ անգիտութիւն Բանի:
- Մեր ողջ գիտելիքը մեզ աւելի է մօտեցնում անգիտութեանը,
- Մեր ողջ անգիտութիւնը մեզ աւելի է մօտեցնում մահուան,
- Բայց մահուան մօտիկութիւնը չի մօտեցնում Աստծուն:
- Որտե՞ղ է Կեանքը, որ կորցրել ենք ապրելով:
- Որտե՞ղ է իմաստութիւնը, որ կորցրել ենք գիտութեան մէջ:
- Որտե՞ղ է գիտելիքը, որ կորցրել ենք տեղեկատուութեան մէջ:
- Երկնային շրջապտոյտը քսան դարերում
- մեզ է հեռացրել Աստծուց, մօտեցրել՝ Հողին:
- Ես գնացի Լոնդոն, դէպի հինաւուրց Քաղաք,
- որի միջով հոսում է գետը՝ օտարերկրեայ նաւերով լի:
- Այնտեղ ինձ ասացին. «Մենք չափից շատ եկեղեցիներ ունենք,
- բայց չափից քիչ էժան խորտկարաններ»: Այնտեղ ինձ ասացին.
- «Թող երէցները հանգստի կոչուեն: Մարդիկ եկեղեցու կարիք չունեն
- այնտեղ, որտեղ աշխատում են: Եկեղեցու կարիք ունեն այնտեղ,
- որտեղ կիրակիներն են անցկացնում:
- Քաղաքում մեզ պէտք չեն զանգեր.
- թող դրանք արթնացնեն արուարձանները»:
- Ես ուղեւորուեցի արուարձան, եւ այնտեղ ինձ ասացին.
- «Մենք աշխատում ենք վեց օր, եօթերորդ օրը գնում ենք
- դէպի Հինդհեդ կամ Մեյդենհեդ:
- Եթէ վատ եղանակ է, մենք տանն ենք մնում, թերթ կարդում»:
- Արդիւնաբերական թաղամասերում ինձ բացատրեցին
- տնտեսական օրէնքները:
- Գեղատեսիլ գիւղում թւում է, թէ
- գիւղն այժմ յարմար է միայն զբօսախնջոյքների համար:
- Պարզուեց, որ եկեղեցին պէտք չի
- ոչ գիւղում, ոչ էլ արուարձաններում, իսկ քաղաքում՝
- միայն կարեւոր մարդկանց հարսանիքների համար:
- Խմբերգի ղեկավարը.
- Լռութիւ՛ն, պահէք պատշաճ հեռաւորութիւն:
- քանզի զգում եմ, Վէմը մօտենում է,
- որը գուցէ փարատի մեր կասկածները:
- Վէմը: Պահապանը: Օտարականը:
- Նա, ով տեսել է, թէ ինչ է եղել,
- եւ ով տեսնում է, թէ ինչ է լինելու:
- Ականատեսը: Քննադատը: Օտարականը:
- Աստուծուց ցնցուածը, որի մէջ ճշմարտութիւնը բնատուր է:
- Վէմի մուտքը Տղայի առաջնորդութեամբ:
- Վէմը.
- Մարդկանց մեծ մասի ճակատագիրն է անդադար աշխատանք,
- կամ մշտական պարապութիւն, որն աւելի ծանր է,
- կամ անկանոն աշխատանք, որը տհաճ է:
- Ես մենակ եմ աշխատացրել գինու ճմլիչը, եւ գիտեմ,
- որ դժուար է լինել իսկապէս օգտակար, հրաժարուելով
- այն ամէնից, ինչ մարդիկ համարում են երջանկութիւն, փնտրելով
- բարի արարքներ, որոնք տանում են դէպի մոռացութիւն,
- ընդունելով նաեւ այն ինչ որ անարգանք է բերում,
- բոլորից փառաբանութիւն, կամ ոչ մէկից սէր:
- Բոլոր մարդիկ պատրաստ են ներդնել իրենց փողերը,
- Բայց մեծամասնութիւնը շահութաբաժին է սպասում:
- Ես ձեզ ասում եմ՝ կատարելագործէք ձեր կամքը:
- Ասում եմ՝ մի´ մտածէք հունձքի մասին,
- Մտածէք միայն ճիշտ ցանելու մասին:
- Աշխարհը պտտւում է ու փոփոխւում,
- բայց մի բան չի փոխւում:
- Իմ ողջ կեանքում մի բան չի փոխւում,
- որքան էլ թաքցնէք, այդ բանը չի փոխւում.
- Բարու եւ Չարի յաւերժական պայքարը:
- Մոռացկոտներ, դուք անտեսում էք ձեր սրբավայրերն ու եկեղեցիները:
- Դուք, որ ներկայ ժամանակների սերունդն էք, ծաղրում էք
- անցեալում կատարած բարի գործերը, յօրինելով
- ձեր բանական խելքը եւ լուսաւորուած մտքերը բաւարարող բացատրութիւններ՝
- Երկրորդ, դուք անտեսում ու թերագնահատում էք անապատը:
- Անապատը ոչ թէ հեռաւոր հարաւային արեւադարձում է,
- Անապատը ոչ միայն քո մօտակայ անկիւնում է:
- Անապատը սեղմուած է մետրոյի գնացքում:
- Անապատը քո եղբօր սրտում է:
- Լաւ մարդը կառուցողն է, եթէ լաւ բան է կառուցում:
- Ես ձեզ կը ներկայացնեմ այն բաները, որոնք հիմա են արւում,
- Եւ որոշ բաներ, որոնք վաղուց են արուել,
- որ դուք քաջալերուէք, կատարելագործէք ձեր կամքը:
- Թոյլ տուէք ձեզ ներկայացնեմ խոնարհների աշխատանքը: Լսեք:
- Լոյսերը մարում են: Աղջամուղջում լսւում է բանուորների երգը.
- Ազատ տարածքներում
- Մենք կը շինենք նոր աղիւսով:
- Մենք ունենք ձեռքեր ու գործիքներ,
- Եւ կաւ՝ նոր աղիւսի համար,
- Եւ կիր՝ նոր շաղախի համար:
- Որտեղ աղիւսներն ընկնեն,
- Այնտեղ նոր քարով կը շինենք:
- Որտեղ հեծանները թուլանան,
- Այնտեղ նոր փայտով կը շինենք:
- Որտեղ բառը չասուի,
- Այնտեղ նոր խօսքով կը շինենք:
- Անընդհատ կայ աշխատանք,
- Եկեղեցի՝ բոլորի համար,
- Գործ՝ իւրաքանչիւրի համար,
- Ամէն մարդ՝ իր աշխատանքին:
- Այժմ բանուորների մի խումբ է ուրուագծւում մշուշոտ երկնքի տեսարանին: Ի պատասխան նրանց երգի՝ հեռուից լսւում են գործազուրկների ձայները.
- Ոչ ոք մեզ չի վարձում:
- Մեր ձեռքերը գրպաններում
- Ու ամաչկոտ դէմքերով
- Պարապ կանգնում ենք փողոցների անկիւնում,
- Դողում ենք անլոյս սենեակներում:
- Միայն քամին է շարժւում
- Դատարկ դաշտերի վրայով, անմշակ՝
- Որտեղ գութանն է կանգ առել,
- Ակօսին ուղղահայեաց: Այս երկրում
- Մէկ ծխախոտ է հասնում երկու տղամարդուն,
- Կէս լիտր դառը գարեջուր՝ երկու կնոջը:
- Այս երկրում
- Ոչ ոք մեզ չի վարձում:
- Մեր կեանքն անցանկալի է, մեր մահը
- Չի յիշատակւում «Թայմզ»_ում:
- Կրկին Բանուորների երգը.
- Գետը հոսում է, եղանակները՝ փոխւում,
- Ճնճղուկն ու սարեակը ժամանակ չունեն վատնելու:
- Եթէ մարդիկ չկառուցեն,
- Ինչպէ՞ս են ապրելու:
- Եթէ դաշտը հերկւում է
- Եւ ցորենից հաց են թխում,
- Նրանք չեն մահանայ կարճ մահճակալում
- Եւ նեղ սաւանում: Այս փողոցում
- Չկայ ոչ սկիզբ, ոչ շարժում, ոչ անդորր, ոչ վերջ,
- Միայն կայ աղմուկ առանց խօսքի, կերակուր՝ առանց համի:
- Առանց ուշացնելու, առանց շտապելու
- Մենք կը կառուցենք այս փողոցի սկիզբն ու վերջը:
- Մենք կառուցում ենք այս իմաստը.
- Եկեղեցի բոլորի համար,
- Գործ իւրաքանչիւրի համար,
- Ամէն մարդ՝ իր աշխատանքին:
2
- Այսպիսով, ձեր հայրերը դարձան
- սրբերի եղբայրակից քաղաքացիներ եւ առաքեալների եւ մարգարէների հիմքով կառուցուած Աստծոյ տան՝
- , որի անկիւնաքարը հէնց Յիսուս Քրիստոսն է:
- Բայց դուք արդեօք լաւ՞ էք կառուցել, որ այժմ անօգնական նստել էք աւերուած տան մէջ,
- Որտեղ շատերը ծնւում են ձանձրոյթի, վատնուած կեանքի, թշուառ մահուան՝ դառնացած, արհամարուած, փեթակների մէջ:
- Իսկ ովքեր կառուցելու են եւ վերականգնելու, նրանք շրջում են իրենց ձեռքերի ափերը կամ ի զուր նայում են օտար երկրներին՝ ողորմութիւն ստանալու կամ սափորը լցնելու համար:
- Ձեր շինութիւնը պատշաճ չի կառուցուած որպէս միասնութիւն: Դուք նստում էք ամօթահար եւ զարմանում էք, թէ արդեօք հնարաւո՞ր է եւ ինչպէ՞ս է հնարաւոր ինքդ քեզ ձեւաւորես, որպէսզի Աստուածն ու Ոգին միասին բնակուեն քո մէջ, այն Ոգին, որը սաւառնեց ջրի մակերեսին, ինչպէս լապտերը ՝ կրիայի մէջքին:
- Իսկ ոմանք ասում են. «Ինչպէ՞ս կարող ենք մենք սիրել մեր հարեւանին: Չէ՞ որ սէրը պէտք է իրականացուի գործողութեան մէջ, ինչպէս ցանկութիւնը միանում է ցանկալիի հետ: մենք կարող ենք տալ լոկ մեր աշխատուժը, բայց այն ոչ մէկին պետք չէ:
- Մենք սպասում ենք փողոցի խաչմերուկներում ոչինչ չունենալով առաջարկելու, բացի մեր գիտցած երգերից, բայց ոչ ոք չի ուզում լսել:
- Սպասում ենք, որ վերջում մեզ շպրտեն մի կոյտի վրայ, որպէս գոմաղբից էլ քիչ արժէք ունեցող մի բան:
- Դուք լաւ՞ էք կառուցել, դուք չէ՞ք մոռացել հիմնաքարը:
- Խօսում էք մարդ-մարդու ճիշտ յարաբերութիւնների մասին, բայց ոչ մարդ-Աստուծոյ յարաբերութիւնների մասին:
- ՙՄենք երկնքի քաղաքացի ենք», ասում ենք, ճիշտ է, բայց դա երկրի վրայ ձեր քաղաքացիութեան նախատիպն է ու կերպարը:
- Երբ ձեր հայրերը սահմանեցին Աստուծոյ դիրքը,
- Եւ մարդկութեանը անհանգստացնող բոլոր սրբերին
- Առաքեալներին, նահատակներին տեղաւորեցին
- մի կենդանաբանութեան այգում Վիպսնեյդի նման,
- Յետոյ նրանք կարողացան ձեռնարկել կայսրութեան ընդարձակում,
- Որն ուղեկցւում էր արդիւնաբերութեան զարգացմամբ՝
- Արտահանելով երկաթ, ածուխ եւ բամբակէ մանուածք,
- Եւ մտաւոր կրթուածութիւն,
- Եւ ամէն ինչ, այդ թւում կապիտալ,
- Եւ Աստուածաշունչը մի քանի տարբերակներով.
- Բրիտանական ցեղը ինքնավստահութեամբ
- Կատարեց իր առաքելութիւնը , բայց հայրենիքում շատ բան խախուտ թողեց:
- Անցեալում կատարուած այս բոլորի պտուղը, դուք ճաշակում էք, լինի փտած, թէ հասած:
- Իսկ եկեղեցին մշտապէս կառուցւում է՝ միշտ աւիրւում ու մշտապէս վերականգնւում:
- Անցեալում կատարած իւրաքանչիւր չարիքի հետեւանքերը կրում ենք:
- Ծուլութեան, ագահութեան, որկրամոլութեան համար,
- Աստուծոյ խօսքը արհամարհելու համար,
- Հպարտութեան, բղջախոհութեան, դաւաճանութեան, իւրաքանչիւր գործած մեղքի համար:
- Իսկ բոլոր արուած բարի գործերը, դուք ժառանգութիւն էք ստացել:
- Որովհետեւ բարիքն ու չարիքը լոկ մարդկութեանն են, երբ նա մենակ կանգնում է մահուան միւս կողմում:
- Բայց այստեղ՝ երկրի վրայ, դուք ունէք հատուցումը ձեր նախնիների բարիքների եւ չարիքերի
- Եւ այն ամէնը, որ չար է, դուք կարող էք ուղղել, եթէ միասին քայլէք խոնարհ զղջմամբ՝ քաւելով ձեր հայրերի մեղքերը:
- Իսկ այն ամէնը, որ բարի է, դուք պէտք է պահպանէք ձեր հայրերի հաւատարիմ անձնուէր սրտով, որով կռուել են բարու յաղթանակի համար:
- Եկեղեցին մշտապէս կառուցւում է, քանզի ներսից մշտապէս փլւում է, եւ դրսից յարձակւում:
- Որովհետեւ սա է կեանքի օրէնքը: Եւ պարտաւոր էք յիշել քանի դեռ բարգաւաճման ժամանակ է,
- Մարդիկ կ'արհամարհեն Տաճարը, իսկ թշուառ տարիներին այն կը պարսաւեն:
- Ին՞չ կեանքի մասին էք խօսում, եթէ միասին չէք ապրում:
- Չկայ կեանք համայնքից դուրս,
- Եւ չկայ համայնք, եթէ այն չի ապրում Աստուծոյ փառքի համար:
- Նոյնիսկ ճգնաւորը, որը խորհում է միայնակ,
- Որի օրերն ու գիշերները անցնում են անընդհատ Աստուած (Աստծուն) փառաբանելով,
- Աղօթում է Եկեղեցու համար, Քրիստոսի մարմնացած մարմնի համար: :
- Եւ դուք հիմա ապրում էք՝ սփռուած ժապաւէնի նման ոլորուող ճանապարհներին:
- Ու ոչ ոք չգիտի եւ չի էլ հետաքրքրւում, թէ ով է իր դրացին,
- Մինչեւ որ այդ դրացին չափից շատ չի անհանգստացնում:
- Եւ բոլորը աւտոմեքենաներով սլանում են այս ու այն կողմ՝
- Քաջածանօթ ճանապարհներին, բայց ոչ մի տեղ չհաստատուած:
- Նոյնիսկ ընտանիքը միասին չի ճանապարհորդում:
- Որդիներն ունեն իրենց մոտոցիկլետները,
- Իսկ դուստրերը հեծած մոտոցիկլետների ետեւում:
- Քանդելու, կառուցեու, վերականգնելու շատ բան կայ:
- Թող աշխատանքը չուշանայ, ժամանակը, ձեռքը չխնայենք:
- Թող կաւը փորուի, թող քարը տաշուի,
- Թող կրակը չմարի դարբնոցում:
3
- Աստուծոյ խօսքը հասաւ ինձ, ասելով.
- ՜Օ, խորամանկ մարդկանց թշուառ քաղաքներ ,
- ՜Օ, լուսաւորուած մարդկանց դժբախտ սերունդ ՝
- Խաբուած ձեր հնարամտութեան լաբիրինթոսներում,
- Ծախուած ձեր սեփական գիւտերի եկամուտով:
- Ես ձեզ տուել եմ ձեռքեր, բայց ձեռ քաշեցիք պաշտամունքից,
- Ես ձեզ տուել եմ խօսելու ունակութիւն անվերջ շաղակրատելու համար,
- Ես ձեզ տուել եմ Օրէնքը, իսկ դուք հիմնեցիք յանձնաժողովներ,
- Ես ձեզ տուել եմ շուրթեր արտայայտելու ընկերային ընկերական սիրալիրութիւններ,
- Ես ձեզ տուել եմ սրտեր փոխադարձ անվստահութեան համար:
- Ես ձեզ տուել եմ ազատ կամք, իսկ դուք վարանում էք
- անօգուտ խորհրդածութեան եւ անխոհեմութեան միջեւ:
- Շատերը զբաղուած են գրքեր գրելով եւ տպագրելով:
- Շատերը երազում են տեսնել իրնց անունը տպագրուած:
- Շատերը ոչինչ չեն կարդում, բացի ձիարշաւի արդիւնքներից:
- Շատ էք կարդում, բայց ոչ Աստուծոյ խօսքը,
- Շատ էք կառուցում, բայց ոչ Աստուծոյ տունը:
- Դուք ինձ համար կը կառուցէ՞ք գաջից տուն՝ ալիքաձեւ տանիքով,
- Որը կը լցուի շպրտուած կիրակնօրեայ թերթերով:
- Առաջին տղամարդու ձայնը. Աղաղակ արեւելքից.
- Ին՞չ պէտք է արուի ծուխ արձակող նաւերի ափին:
- Դու կը լքե՞ս իմ ժողովրդին՝ մոռացած, դատապարտուած
- Ծուլութեան, աշխատանքի եւ ցնորուած թմրութեան:
- Կը մնա փլուած օջախ,
- Նաւի ճաքճքած կմախքը, մի կոյտ ժանգոտուած երկաթ
- Աղիւսով թափթփուած փողոցում, որտեղ այծն է արածում,
- Որտեղ Իմ Բանը չի խօսւում:
- Երկրորդ տղամարդու ձայնը. Աղաղակ հիւսիսից, արեւմուտքից եւ հարաւից.
- Որտեղից ամէն օր հազարաւոր մարդիկ ուղեւորւում են դէպի հինաւորց քաղաք,
- Որտեղ Իմ Բանը չի խօսւում:
- Լոբելիաների եւ թենիսի ֆլանելների երկրում
- Ճագարը անցք կը փորի, եւ փուշը կը տարածուի կրկին,
- Եղինջը կը ծածկի մանրախճով զարդարուած բակը,
- Եւ քամին կ'ասի. «Այստեղ քաղաքավարի, անաստուած մարդիկ են եղել:
- Նրանց միակ կոթողը ասֆալտէ ճանապարհն է
- Եւ հազարաւոր կորած գոլֆի գնդակները»:
- Երգչախումբ.
- Մենք զուր ենք կառուցում, եթէ Աստուած մեզ հետ չի կառուցում:
- Դուք կարո՞ղ էք պահպանել Քաղաքը, եթէ Աստուած այն չի պահպանում ձեզ հետ:
- Երթեւեկութիւնը կարգաւորող հազարաւոր ոստիկաններ
- Չեն կարող ձեզ ասել, թէ ինչու էք եկել կամ ուր էք գնում:
- Քարանձաւաբնակների գաղութը կամ եռանդուն արջամկների հորդան
- Աւելի լաւ են կառուցում, քան նրանք, որ կառուցում են առանց Աստուծոյ:
- Արդեօ՞ք ոտք կը դնենք յաւերժական աւերակների մէջ:
- Ես սիրել եմ քո Տան գեղեցկութիւնը, քո տաճարի խաղաղութիւնը:
- Ես աւլել եմ յատակը եւ զարդարել եմ խորանը:
- Որտեղ չկայ տաճար, այնտեղ չպէտք է լինեն տներ:
- Թէեւ ունէք ապաստարաններ եւ հաստատութիւններ,
- Պատահական կացարաններ, քանի դեռ վարձը վճարւում է,
- Օժանդակ ներքնայարկեր, որտեղ առնէտն է բազմանում,
- Կամ մաքուր բնակարաններ համարակալուած դռներով,
- Կամ տուն, որ մի փոքր աւելի լաւն է, քան հարեւանինը:
- Երբ Օտարականը հարցնի. «Որ՞ն է այս քաղաքի իմաստը:
- Դուք իրար գլխի էք հաւաքւում, որովհետեւ սիրու՞մ էք միմեանց»:
- Ին՞չ էք պատասխանելու: «Մենք բոլորս ապրում ենք միասին,
- Որ փո՞ղ աշխատենք միմեանցից» կամ «Սա համա՞յնք է»:
- Եւ Օտարականը կը հեռանայ ու կը վերադառնայ անապատ:
- ՜Օ, հոգի իմ, եղիր պատրաստ Օտարականի գալստեան,
- Եղիր պատրաստ նրա համար, ով գիտի, թէ ինչ հարցեր տա:
- ՜Օ, ձանձրոյթ մարդկանց, որոնք շրջուել են Աստծուց
- Դէպի իրենց մտքի վեհութիւնն ու փառքն իրենց գործի,
- Դէպի արուեստներն ու գիւտերը եւ համարձակ նախաձեռնութիւնները,
- Դէպի մարդկային մեծութեան տեսութիւնները ՝ լիովին վարկաբեկուած:
- Ենթարկելով հողն ու ջուրը ձեր պահանջներին,
- Շահագործելով ծովերն ու լեռները,
- Բաժանելով աստղերը սովորականի եւ նախընտրելիի:
- Զբաղուած կատարեալ սառնարան հնարելով,
- Զբաղուած խելացի բարոյագիտութիւն մշակելով,
- Զբաղուած որքան հնարաւոր է շատ գրքեր տպագրելով,
- Ծրագրելով երջանկութիւն եւ շպրտելով դատարկ շշեր,
- Անցնելով ձեր անտարբերութիւնից դէպի տենդագին խանդավառութիւն
- Ձեր ազգի կամ ցեղի հանդէպ, կամ ինչպէս դուք էք կոչում մարդկութիւնը:
- Թէեւ դուք մոռացել էք դէպի Տաճար տանող ճանապարհը,
- Բայց կայ մէկը, որը յիշում է ձեր դռան մօտ բերող ճանապարհը.
- Կեանքը կարող էք անտեսել, բայց Մահը՝ ոչ:
- Դուք չէք կարող մերժել Օտարականին:
- ==4==
- Կան մարդիկ, որոնք կառուցելու են Տաճար,
- Եւ կան մարդիկ, որոնք գերադասում են որ տաճարներ չկառուցուեն:
- Նէեմի մարգարէի օրերը
- Չէր բացառութիւն ընդհանուր կանոնից:
- Շուշան պալատում Նիսան ամսին
- Նա գինի էր մատուցում Արտաշէս թագաւորին
- Եւ ողբում էր քանդուած Երուսաղեմի համար:
- Եւ թագաւորը նրան թոյլ տուեց մեկնել,
- Որպէսզի նա վերականգնի քաղաքը:
- Այդպիսով, նա մի քանիսի հետ մեկնեց Երուսաղէմ:
- Եւ այնտեղ, վիշապի աղբիւրի մօտ, գոմաղբի դարբասի մօտ,
- ցայտաղբիւրի դարբասի մօտ, թագաւորի աւազանի մօտ
- Երուսաղէմն ամայացել էր, կլանուել էր կրակով:
- Կենդանու համար անցնելու տեղ չէր:
- Դրսում թշնամիները նրան ուզում էին վնասել:
- Իսկ ներսում լրտեսներ ու շահամոլներ,
- Բայց նա եւ իր հետեւորդները ձեռք ձեռքի տուեցին, որ վերականգնեն պատը:
- Եւ այսպէս, նրանք կառուցեցին, ինչպէս մարդիկ պէտք է կառուցեն ՝
- Թուրը մի ձեռքում, իսկ ծեփիչը միւսին:
5
- ՜Օ, Աստուած, ազատիր ինձ այն մարդկանցից՝ որոնք ունեն գերազանց մտադրութիւններ եւ անազնիւ սրտեր, քանզի սիրտը ամենանենգ է ու սոսկալի չար:
- Սանաբալատ Որոնացին, Տուբիա Ամոննացին եւ Գեսամ Արաբացին, անկասակած, ժողովրդական ոգով ու եռանդով լի անձնաւորութիւններ էին:
- Պաշտպանիր ինձ թշնամուց, որը շահելու բան ունի, եւ ընկերոջից, որը կորցնելու բան ունի:
- Յիշում եմ ՆԷեմի Մարգարէի խօսքերը. «Ծեփիչը մի ձեռքում է եւ զէնքը միւս ձեռքում»:[1]
- Մարդիկ, որոնք նստում են մի տան մէջ, որի իմաստը մոռացուել է, նման են օձերի, որոնք պառկում են բորբոսնած աստիճանին ու վայելում են արեւի լոյսը:
- Իսկ միւսները վազում են շների պէս, նախաձեռնութեամբ լի, փնչացնելով ու հաչելով: Նրանք ասում են. Այս տունը օձերի բուն է, եկէք քանդենք::
- Ազատուենք այս քարշութիւնից՝ քրիստոնեաների անառակութիւնից: Ոչ սրանք են արդարացուած, ոչ էլ միւսները:
- Եւ նրանք գրում են անհամար գրքեր, լինելով չափազանց սնապանծ եւ մտացրիւ լռութեան համար, իւրաքանչիւրը փնտրելով իր փառքը, խոյս տալով իր դատարկութիւնից:
- Եթէ համեստութիւն ու մաքրութիւն չկայ սրտում, ուրեմն դրանք չեն լինի տան մէջ: Իսկ եթէ նրանք տան մէջ չկան, ապա նրանք քաղաքում չկան:
- Մարդը, որ ցերեկը կառուցել է, գիշերամուտին կը վերադառնայ իր օջախը՝ օրհնուելով լռութեան նուէրով ու նիրհելով նախքան քնելը:
- Բայց մենք շրջապատուել ենք օձերով ու շներով, ուստի ոմանք պէտք է աշխատեն, իսկ միւսները՝ նիզակ բռնեն:
6
- Նրանց համար, ովքեր երբեք չեն հալածուել,
- Եւ ովքեր երբեք չեն ճանաչել քրիստոնեայի
- Դժուար է հաւատալ երբ պատմում են քրիստոնեաների հալածանքի մասին:
- Նրանց համար, ովքեր ապրում են բանկի մօտ :
- Դժուար է չվստահել իրենց փողի ապահովութեանը
- Նրանց համար, ովքեր ապրում են ոստիկանութեան բաժանմունքի մօտ
- Դժուար է հաւատալ բռնի ուժի յաղթանակին:
- Դուք կարծում էք, թէ Հաւատքը նուաճել է աշխարհը,
- Եւ առիւծներն այլեւս կարիք չունե՞ն պահապանի:
- Կարիք կա՞յ ձեզ ասելու, որ ինչ եղել է, կարող է նորից լինել:
- Կարիք կա՞յ ձեզ ասելու, որ նոյնիսկ համեստ նուաճումները,
- Որոնցով կարող էք հպարտանալ կիրթ մարդկանց յատուկ ձեւով,
- Դժուար թէ գոյատեւեն աւելի քան այն Հաւատը, որից ստանում են իրենց նշանակութիւնը:
- Տղամարդիկ, փայլեցրէք ձեր ատամները առաւօտեան վեր կենալիս ու երեկոյեան պառկելիս:
- Կանայք, փայլեցրէք ձեր եղունգները.
- Դուք փայլեցնում էք շան ատամը եւ կատուի ճանկը:
- Մարդիկ ինչու՞ պիտի սիրեն եկեղեցին: Ինչու՞ պիտի սիրեն եկեղեցու օրէնքները:
- Եկեղեցին նրանց պատմում է կեանքի ու մահուան մասին, եւ այն ամէնի մասին, ինչը նրանք մոռանալու են:
- Եկեղեցին մեղմ է, երբ նրանք խստասիրտ են, եւ խիստ է, երբ նրանք մեղմ են:
- Եկեղեցին նրանց պատմում է Չարի ու Մեղքի մասին, եւ այլ անհաճոյ ճշմարտութիւններ:
- Նրանք մշտապէս փորձում են փախչել
- Դրսի եւ ներսի Խաւարից ՝
- Երազելով այնպիսի կատարեալ համակարգերի մասին, որոնք բարութիւն չեն պահանջում:
- Բայց մարդը, որպիսին կայ, ստուեր կը գցի
- Այն մարդու վրայ, որին ձգտում է հասնել:
- Իսկ Մարդու Որդին մէկընդմիշտ չի խաչուել:
- Նահատակների արիւնը մէկընդմիշտ չի թափուել,
- Սրբերի կեանքը մէկընդմիշտ չի զոհաբերուել.
- Մարդու Որդին խաչւում է միշտ,
- Եւ լինելու են Նահատակներ ու Սրբեր:
- Եւ եթէ Նահատակների արիւնը հոսելու է աստիճանների վրայ,
- Մենք նախ եւ առաջ պէտք է կառուցենք աստիճաններ,
- Եւ եթէ Տաճարը տապալուելու է,
- Մենք նախ եւ առաջ պէտք է կառուցենք Տաճար:
7
- Սկզբում Աստուածը ստեղծեց աշխարհը: Ամայութիւն եւ դատարկութիւն: Ամայութիւն եւ դատարկութիւն: Եւ խաւար էր անդունդի վրայ:
- Ու երբ մարդիկ եղան իրենց զանազան ձեւերով, նրանք տառապելով պայքարեցին Աստծու համար,
- Կուրօրէն եւ ի զուր, որովհետեւ մարդը դատարկ արարած է, եւ մարդն առանց Աստծու՝ սերմ է քամու առաջ, որ ասդին-անդին քշւում է եւ չի գտնում տեղ հանգչելու եւ ծլարձակելու համար:
- Նրանք գնում են լոյսի ու ստուերի ետեւից, եւ լոյսը նրանց առաջնորդում է դէպի լոյս, իսկ ստուերը նրանց տանում է դէպի խաւար՝
- Գերադասելով երկրպագել օձեր կամ ծառեր, երկրպագել դեւեր, քան ոչինչ, աղերսելով կեանք հանդերձեալ աշխարհում, քանզի երանութիւնը մարմնական չէ:
- Ամայութիւն եւ դատարկութիւն: Ամայութիւն եւ դատարկութիւն: Եւ խաւար` անդունդի վրայ:
- Եւ Հոգին շարժուեց ջրի վրայով:
- Եւ մարդիկ, որոնք շրջուեցին դէպի լոյսը եւ ճանաչուեցին լոյսի կողմից,
- Հնարեցին Բարձրագոյն Կրօններ, իսկ Բարձրագոյն Կրօնները բարի էին
- Եւ առաջնորդեցին մարդկանց լոյսից դէպի լոյս, դէպի Բարու ու Չարի իմացութիւնը:
- Բայց նրանց լոյսը միշտ շրջապատուած էր ու խոցուած խաւարով,
- Ինչպէս բարեխառն գօտու ծովերի մթնոլորտն է ճեղքւում արկտիկական հոսանքի մեռեալ շնչով:
- Եւ նրանք եկան հասան մի հանգրուանի, մի փակուղու ՝ հազիւ կեանքի կայծ մնացած:
- Եւ նրանք եղան ծերացած թոռոմած երեխայի տեսքով, որը մահացել էր սովից:
- Աղօթքի անիւներ, մեռեալների պաշտամունքը, աշխարհից հրաժարումը, մոռացուած իմաստներով ծէսերի հաստատումը՝
- Անդադար քամուց մտրակուող աւազի վրայ կամ բլուրներին, որտեղ քամին չի թողնում, որ ձիւն նստի:
- Ամայութիւն եւ դատարկութիւն: Ամայութիւն եւ դատարկութիւն: Եւ խաւար` անդունդի վրայ:
- Յետոյ եկաւ, նախասահմանուած պահին՝ պահը, որ ժամանակի մէջ էր եւ ժամանակից էր:
- Պահը ոչ թէ ժամանակից դուրս, այլ ժամանակի մէջ, որն անուանում ենք պատմութիւն՝ ժամանակի աշխարհը լայնակի կտրող եւ երկու մասի բաժանող, պահը ժամանակի մէջ, բայց ժամանակի պահին աննման:
- Պահ, որը ժամանակի մէջ է, բայց ժամանակը ստեղծուեց այդ պահից, քանի որ առանց իմաստի չկայ ժամանակ, եւ այդ պահը ժամանակին տուեց իմաստ:
- Յետոյ թուաց, թէ մարդիկ պէտք է անցնեն լոյսից դէպի լոյս, Բանի լոյսի ներքոյ,
- Կրքի ու Զոհաբերութեան միջով, փրկուելով՝ իրենց բացասական էութեանը հակառակ.
- Վայրենի, ինչպէս նախկինում, նիւթապաշտ, շահամոլ, ինչպէս նախկինում, եսասէր ու կոյր, ինչպէս նախկինում:
- Սակայն, միշտ պայքարելով, միշտ հաստատելով, միշտ վերսկսելով իրենց երթը այն ճանապարհով, որը լուսաւորւում էր Լոյսով:
- Յաճախ վարանելով, դանդաղելով, ճանապարհից շեղուելով, ուշանալով, վերադառնալով, սակայն չհետեւելով մէկ այլ ճանապարհի:
- Բայց թւում է, թէ մի բան է պատահել, որը երբեք չի եղել նախկինում, թէեւ մենք չգիտենք, թէ երբ կամ ինչու, կամ ինչպէս, կամ որտեղ:
- Մարդիկ մերժել են Աստծուն, իրենց ասելով, ոչ թէ յանուն ուրիշ աստուածների, այլ յանուն ոչ մի աստծու: Իսկ նման բան երբեք չի եղել նախկինում,
- Որ մարդիկ միաժամանակ եւ´ ժխտեն աստուածներին, եւ´ երկրպագեն աստուածներին, ընդունելով սկզբում իրենց Միտքը,
- Իսկ յետոյ Փողը եւ Իշխանութիւնը, եւ այն, ինչը նրանք կոչում են Կեանք կամ Մարդկութիւն, կամ Դիալեկտիկա:
- Եկեղեցին մերժուեց, աշտարակը տապալուեց, զանգերը դէն գցուեցին, ի՞նչ պէտք է անենք,
- Եթէ չկանգնենք դատարկ ձեռքերով՝ ափերըս վեր շրջած,
- Մի ժամանակաշրջանում, որը գնալով ետ է ընթանում:
- Գործազուրկների ձայնը (հեռուից).
- Այս երկրում
- Մէկ ծխախոտ է հասնում երկու տղամարդուն,
- Կէս լիտր դառը գարեջուր՝ երկու կնոջը:
- Երգչախումբ.
- Աշխարհն ին՞չ է ասում, ամբողջ աշխա՞րհն է արագ մեքենաներով շեղւում շրջանցիկ ճանապարհով:
- Գործազուրկների ձայնը (աւելի թոյլ).
- այս երկրում
- Ոչ ոք մեզ չի վարձում...
- Երգչախումբ.
- Ամայութիւն եւ դատարկութիւն: Ամայութիւն եւ դատարկութիւն: Եւ խաւար անդունդի վրա:
- Արդեօք եկեղեցին չբաւարարեց մարդկութեան կարիքները, կամ մարդկութիւնը՞ չբաւարարեց եկեղեցունը:
- Երբ Եկեղեցուն այլեւս ուշադրութիւն չի դարձւում, չի հակադրւում անգամ, եւ մարդիկ մոռացել են
- Բոլոր Աստուածներին, բացի Վաշխառութիւնից, Տարփանքից եւ Իշխանութիւնից:
8
- ՜Օ, Հայր, մենք ողջունում ենք քո խօսքերը:
- Եւ մենք քաջալերւում ենք ապագայի համար՝
- Յիշելով անցեալը:
- Հեթանոսները մօտեցել են քո թողած ժառանգութեանը
- Եւ պղծել են քո տաճարը:
- Ո՞վ է նա, որ եկել է Եդեմից:
- Նա մենակ է աշխատեցրել գինու ճմլիչը:
- Եկաւ մէկը, որը խօսեց Երուսաղէմի ամօթանքի
- Եւ սուրբ վայրերի ապականման մասին.
- Ճգնաւոր Պետրոսը՝ խարազանիչ բառերով :
- Իսկ նրա ունկնդիրների մէջ կային
- մի քանի բարի մարդիկ,
- Շատերը, որոնք չար էին,
- Եւ մեծամասնութիւնը, որոնք ոչ բարի էին, ոչ էլ չար,
- բոլոր մարդկանց նման բոլոր տեղերում:
- Ոմանք գնացին՝ փառքի սիրուց,
- Ոմանք գնացին, որովհետեւ անհանգիստ էին ու հետաքրքրասէր,
- Ոմանք ագահ էին ու խանդոտ:
- Շատերը թողեցին իրենց մարմինները Սիրիայի ուրուրներին
- Կամ ցիրուցան եղան ծովում՝ ճանապարհի երկայնքով:
- Շատերը թողեցին իրենց հոգիները Սիրիայում,
- Ապրելով՝ անբարոյականութեան մէջ ընկղմուած:
- Շատերը վերադարձան բոլորովին կործանուած,
- Հիւանդ ու աղքատ, դիմաւորուելով տան շէմին,
- իրենց տան տէր դարձած օտարականի կողմից.
- Եկան տուն՝ խելագարուած Արեւելքի արեւից
- Եւ Սիրիայի եօթ մահացու մեղքերից:
- Բայց մեր Թագաւորը յաջողել է Ակրէում:
- Եւ չնայած ամբողջ անպատւութեանը,
- Ջարդած արժէքներին, ջարդած կեանքերին,
- Ջարդած հաւատին այս կամ այն տեղում,
- Մնացել էր մի բան, որը աւելի կարեւոր է քան
- Ձմռան երեկոներին ծերունիների պատմած հեքիաթները:
- Դա միայն կարելի է վերագրել հաւատին:
- Մի քանիսի ամբողջական հաւատը,
- Շատերի մասնակի հաւատը,
- Ոչ թէ ագահութիւնը, անբարոյականութիւնը, դաւաճանութիւնը,
- Նախանձը, ծուլութիւնը, շատակերութիւնը, խանդը, հպարտութիւնը.
- Սրանցով չեղան խաչակրաց արշաւանքները,
- Այլ, սրանցով խորտակուեցին:
- Յիշէ´ք, որ հաւատը մարդկանց քաշեց իրենց տնից՝
- Թափառող քարոզչի կոչով:
- Մեր ժամանակաշրջանը չափաւոր պարկեշտութեան
- Եւ չափաւոր անբարոյականութեան ժամանակաշրջան է,
- Երբ մարդիկ չեն հրաժարուի Խաչից,
- Որովհետեւ նրանք երբեք չեն ստանձնի դա:
- Բայց եւ այնպէս, ոչինչ անհնարին չէ
- Հաւատի ու համոզմունքի տէր մարդկանց համար:
- Ուրեմն կատարելագործենք մեր կամքը:
- ՜Ո՜վ, Աստուած, օգնիր մեզ:
9
- Մարդու Որդի, նայիր քո աչքերով եւ լսիր քո ականջներով,
- Եւ սրտանց ընդունիր այն ամէնը, որ ես ցոյց կը տամ քեզ:
- Այդ ո՞վ է, որ ասել է. Աստծու Տունը Վշտի Տուն է:
- Մենք պէտք է քայլենք սեւ հագուստով եւ գնանք տխուր, մռայլ դէմքերով:
- Մենք պէտք է անցնենք դատարկ պատերի միջով՝ խօսելով դողդոջուն, ցածր ձայնով, թոյլ շշնջալով,
- Մի քանի երերացող, ցիրուցան լոյսերի միջով»:
- Նրանք Աստծու վրայ են բարձել իրենց վիշտը, թախիծը, որ նրանք պիտի զգան իրենց գործած մեղքերի ու սխալների համար` ամենօրյա գործերն անելիս:
- Բայց եւ այնպէս, նրանք քայլում են փողոցում հպարտ կեցուածքով, ինչպէս ազնուացեղ ձիեր որոնք պատրաստ են մրցավազքի,
- Իրենք իրենց պաշտելով, զբաղուած լինելով շուկայում, ժողովարանում,
- Եւ աշխարհիկ այլ հաւաքոյթներում:
- Իրենք իրենց բարձր գնահատելով, պատրաստ ցանկացած տօնակատարութեան,
- Ամեն ինիչից լաւ օգտուելով իրենք իրենց համար:
- Եկէք սգանք առանձին սենեակում՝ սովորելով ապաշխարանքի ուղին,
- Եւ խոնարհութեամբ եկէք սովորենք սրբերի ուրախ շրջանակը:
- Մարդու հոգին պէտք է ձգտի արարչութեան:
- Անձեւ քարից, երբ քանդակագործը միանում է քարի հետ,
- Բխում են միշտ կեանքի նոր ձեւեր՝ շնորհիւ մարդու հոգու, որ միացել է քարի հոգուն.
- Կենդանի կամ անկենդան անիմաստ իրական ձեւերից,
- Միանալով ստեղծագործողի հայեացքին՝ բերում է նոր կեանք, նոր ձեւ, նոր գոյն:
- Ծովի հնչիւններից բխում է երաժշտութեան կեանքը:
- Բառերի լպրծուն տիղմից, խօսքի անճշտութիւնների մանրակարկուտից ու կարկուտից,
- Մօտաւոր մտքերից եւ զգացմունքներից, բառերից, որ գրաւել են մտքերի եւ զգացմունքների տեղը,
- Սրանցից բխում են խօսքի կատարեալ կանոնաւորութիւնն ու կախարդական երգի գեղեցկութիւնը:
- Տէր, մի՞թէ Քեզ չենք ծառայեցնելու մեր բոլոր կարողութիւնները,
- Կեանքի համար, արժանապատւութեան համար, բարեհաճութեան եւ կարգ ու կանոնի համար:
- Իսկ զգայարանների ցանկութիւնները՞:
- Տէրը, որն արարել է, պէտք է ցանկանայ, որ մենք արարենք
- Եւ գործադրի մեր ստեղծածը կրկին ի ծառայութիւն Իրեն,
- Որն իսկ Իր արարչութեան արդիւնքն է:
- Քանի որ Մարդը հոգու եւ մարմնի միասնութիւն է,
- Ուստի նա պէտք է ծառայի հոգւով եւ մարմնով:
- Տեսանելի եւ անտեսանելի այս երկու աշխարհները հանդիպում են մարդու մէջ՝:
- Տեսանելին եւ անտեսանելին պէտք է հանդիպեն Նրա Տաճարում.
- Դուք չպէտք է մերժէք մարմինը:
- Այժմ կը տեսնէք Տաճարը լիաւարտ,
- Շատ ջանքերից, շատ խոչընդոտներց յետոյ,
- Որովհետեւ արարչութեան գործը երբեք չի կատարւում առանց ծանր երկունքի.
- Տաշած քարը, տեսանելի խաչը,
- Զարդարուած խորանը, բարձրացող լուսաւորութիւնը,
- Լոյս
- Լոյս
- Տեսանելի յիշեցումը Անտեսանելի Լոյսի:
10
- Դուք տեսել էք կառուցուած տունը, տեսել էք այն զարդարուած
- Մէկի կողմից, որը եկաւ գիշերը. արդ այն նուիրւած է Աստծուն:
- Այժմ տեսանելի եկեղեցի է, եւս մի լոյս դրուած բլրի վրայ՝
- Խառնաշփոթ ու մութ աշխարհում եւ խռովուած վախի նախանշաններով:
- Իսկ ի՞նչ ենք ասելու ապագայի մասին: Արդեօ՞ք մեր ոյժերը սպառւում են մէկ կառուցելով,
- Թէ՞ Տեսանելի Եկեղեցին պէտք է շարունակի նուաճել Աշխարհը:
- Հսկայ օձը պառկում է միշտ կիսարթուն երկրի խոր անդունդում,
- կծկուած իր ծալքերով, մինչեւ որ սովից արթնանում է եւ, գլուխը շարժելով աջ ու ձախ, պատրաստւում է կերակրուելու իր ժամին:
- Բայց Ոճրի Գաղտնիքը չափազանց խորունկ է մարդու աչքերով թափանցելու համար:
- Դուրս եկէք նրանց միջից, ովքեր հմայուել են օձի ոսկէ աչքերով՝
- Երկրպագուները, որոնք անձնատուր են եղել, օձին:
- Գնա քո ճանապարհով եւ անկախացիր դրանցից:
- Շատ մի՛ հետաքրքրուիր Բարով ու Չարով:
- Փորձիր չհաշուել Ժամանակի ապագայ ալիքները:
- Բայց գոհ եղիր քո ունեցած այն լոյսից,
- Որը կը բաւականացնի, որ քո քայլերն անես ու գտնես քո յենակէտը:
- ՜Օ, Անտեսանելի Լոյս, գովում ենք Քեզ,
- Չափազանց պայծառ՝ մարդու աչքերի համար:
- ՜Օ, Մեծագոյն Լոյս, գովում ենք Քեզ՝ այն նուազ լոյսի համար:
- Որը արեւելքից սփռւում է մեր եկեղեցիների զանգակատնների վրայով առաւօտեան,
- Այն լոյսը, որը թեքւում է մեր եկեղեցիների արեւմտեան դռների վրայ երեկոյեան,
- Աղջամուղջը, որը տարածւում է լճակների վրայ չղջիկների թռիչքի ժամին,
- Լուսնի լոյսը եւ աստղերի լոյսը, բուի եւ թիթեռի լոյսը,
- Կայծոռիկի պայծառ լոյսը խոտի տերեւների վրա:
- ՜Օ, Անտեսանելի Լոյս, մենք պաշտում ենք Քեզ:
- Մենք շնորհակալ ենք Քեզ այն լոյսերի համար, որ մենք վառել ենք.
- Խորանի լոյսը եւ սրբարանի լոյսը,
- Այն փոքր լոյսերը նրանց, ովքեր կէսգիշերին աղօթում են,
- Եւ այն լոյսերը, որ անցնում են գունաւոր փեղկերով,
- Եւ այն լոյսը, որ փայլում է ողորկ քարից,
- Ոսկեզօծ քանդակուած փայտից, գոյնզգոյն որմնանկարից:
- Մեր հայեացքը ծովի խորքն է ուղուած է, մեր աչքերը նայում են վեր
- Եւ տեսնում են լոյսը, որը ճեղքւում է ալեկոծ ջրի միջով:
- Մենք տեսնում ենք լոյսը, բայց չենք տեսնում, թէ ուստի է գալիս:
- ՜Ո՜վ, Անտեսանելի Լոյս, մենք փառաբանում ենք Քեզ:
- Մեր երկրային կեանքի եռուզեռում մենք յոգնում ենք լոյսից: Մենք ուրախ ենք, երբ օրն աւարտւում է, երբ շարժումն աւարտւում է, եւ երջանկութիւնը ցաւ է պատճառում:
- Մենք արագ յոգնող երեխաներ ենք: Երեխաներ, որոնք արթնանում են գիշերը եւ քնում են, երբ հրթիռ է արձակւում: Եւ օրը երկար է աշխատանքի կամ խաղի համար:
- Մենք յոգնում ենք ցրուածութիւնից կամ կենտրոնացումից, մենք քնում ենք եւ ուրախ ենք, որ քնում ենք՝
- Ղեկավարուելով արեան զարկերով, եւ օրուայ, գիշերուայ ու եղանակների կողմից:
- Եւ մենք պէտք է հանգցնենք մոմը, լոյսը մարենք ու նորից վառենք.
- Միշտ հանգցնենք ու միշտ վառենք հուրը:
- Ուստի մենք գոհաբանում ենք Քեզ մեր փոքր լոյսի համար, որը ստուերի հետ դառնում է բծաւոր:
- Մենք գոհաբանում ենք Քեզ, որ ներշնչեցիր մեզ կառուցել, յայտնագործել, ձեւաւորուել մեր մատների ծայրով եւ մեր աչքերի փայլով:
- Եւ երբ մենք կառուցեցինք եկեղեցու խորանը Անտեսանելի Լուսոյն, մենք կարող ենք այնտեղ տեղադրել փոքր լոյսեր, որի համար ստեղծուած է մեր մարմնական տեսողութիւնը:
- Եւ մենք գոհաբանում ենք Քեզ, որ խավարը յիշեցնում է մեզ լոյսի մասին:
- ՜Օ, Անտեսանելի Լոյս, մենք Քեզ գոհաբանում ենք Քո մեծ փառքի համար:
- [1] Նէեմի 4:17.