Changes
Այսպիսով ուրեմն, վաճառականական կապիտալի տեսակետից թվում է, թե հենց պտույտն է որոշում գները։ Մյուս կողմից, մինչդեռ, արդյունաբերական կապիտալի պտույտի արագությունը, որչափով որ սա մի տվյալ կապիտալի հնարավորություն է տալիս ավելի շատ կամ թե ավելի քիչ աշխատանք շահագործելու, որոշիչ ու սահմանափակիչ ներգործություն է անում շահույթի մասսայի վրա և ուրեմն շահույթի ընդհանրական նորմայի վրա,— առևտրային կապիտալի համար շահույթի նորման դրսից տրված նախադրյալ է, և հավելյալ արժեքի գոյացման հետ ունեցած նրա ներքին կապը լիովին ջնջված է։ Եթե միևնույն արդյունաբերական կապիտալը — այլ անփոփոխ պարագաներում ու հատկապես նույնահավասար օրգանական կառուցվածքի դեպքում — երկու անգամի փոխարեն, տարվա ընթացքում չորս անգամ է պտույտ գործում, ապա նա կրկնակի շատ հավելյալ արժեք և ուրեմն շահույթ է արտադրում. իսկ այս շոշափելիորեն երևան է գալիս, հենց որ ու քանի դեռ այս կապիտալը մոնոպոլիստ է արտադրության ավելի կատարելագործված եղանակի, որը նրան պտույտի այս արագացման հնարավորություն է ընձեռում։ Ընդհակառակը, տարբեր առևտրաճյուղերում եղած տարբեր պտուտաժամանակն արտահայտվում է նրա մեջ, որ այն շահույթը, որը ձեռք է բերվում իբրև որոշ ապրանքային կապիտալի մի պտույտի բաժին, հակառակ հարաբերական է այն փողային կապիտալի պտույտների թվին, որը պտույտի մեջ է դնում այս ապրանքային կապիտալը։ Small profits and quick returns [փոքր շահույթ և արագ պտույտ] նշանաբանը հանդիսանում է հատկապես shopkeeper [խանութպան] համար մի այնպիսի սկզբունք, որին նա հետևում է սկզբունքից դրդված։
Սակայն, ինքնըստինքյան հասկանալի է, որ ամեն մի առևտրաճյուղում վաճառականական կապիտալի պտույտների այս օրենքը — դեռ մի կողմ թողնելով միմյանց համակշռող, ավելի արագ ու ավելի դանդաղ պտույտների հերթափոխումը — ուժ ունի այն միջին պտույտների համար միայն, որ կատարում է այս ճյուղի մեջ ներդրված վաճառականական ամբողջ կապիտալը։ A կապիտալը, որ պտույտներ է գործում նույն ճյուղում, ինչպես և B-ն, կարող է ավելի շատ կամ թե ավելի քիչ պտույտներ գործել, քան պտույտների միջին թիվն է։ Այս դեպքում մյուս կապիտալները համապատասխանորեն ավելի քիչ կամ ավելի շատ պտույտներ են գործում։ Սրանով ամենևին ոչինչ չի փոխվում այս ճյուղում ներդրված վաճառականական կապիտալի ամբողջ մասսայի պտույտների վերաբերմամբ։ Բայց առանձին վաճառականի կամ թե մանր առևտրականի համար վճռական կարևորություն ունի այս։ Նա այս դեպքում ձեռք է բերում ավելադիր շահույթ ճիշտ այնպես, ինչպես արդյունաբերական կապիտալիստներն են ավելադիր շահույթներ ձեռք բերում, եթե նրանք միջին պայմաններից ավելի բարենպաստ պայմաններում են արտադրում։ Եթե մրցումն ստիպում է, ապա նա կարող է իր ընկերներից ավելի էժան ծախել՝ առանց միջինից ցած իջեցնելու իր շահույթը։ Եթե այն պայմանները, որոնք նրան ավելի արագ պտույտի հնարավորություն են տալիս, հենց իրենք գնելի պայմաններ են, ինչպես, օրինակ, վաճառավայրերի տեղադրությունը, ապա նա կարող է նրանց համար արտակարգ ռենտա վճարել, այսինքն նրա ավելադիր շահույթի մի մասը փոխարկվում է հողային ռենտայի։ ===ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԱՅԻՆ-ԱՌԵՎՏՐԱՅՒՆ ԿԱՊԻՏԱԼԸ=== Այն զուտ տեխնիկական շարժումները, որ փողը կատարում է արդյունաբերական կապիտալի ու, ինչպես հիմա մենք կարող ենք ավելացնել, ապրանքային-առևտրային կապիտալի շրջանառության պրոցեսում (որովհետև այս վերջին կապիտալն արդյունաբերական կապիտալի շարժման մի մասը շրջանառության պրոցեսում ինքն է ստանձնում, իբրև իր սեփական, իրեն հատուկ շարժում) — այս շարժումներն ինքնուրույնանալով ու դառնալով ֆունկցիա մի առանձին կապիտալի, որն այդ շարժումներն ու միմիայն այդ շարժումներն է կատարում, իբրև իրեն համար մասնահատուկ գործառնություններ, այս կապիտալը փոխարկում են փողային-առևտրային կապիտալի։ Արդյունաբերական կապիտալի ու, ավելի ճիշտն ասած, նաև ապրանքային-առևտրային կապիտալի մի մասը, շարունակաբար գտնվելով փողային ձևի մեջ, հանդես է գալիս ոչ միայն իբրև ընդհանրապես փողային կապիտալ, այլ իբրև մի այնպիսի փողային կապիտալ, որն զբաղված է այս տեխնիկական ֆունկցիաներով։ Ամբողջ կապիտալից հիմա զատվում և ինքնուրույնանում է մի որոշ մաս փողային կապիտալի ձևով, որի կապիտալիստական ֆունկցիան բացառապես այն է, որ այս գործառնությունները կատարի արդյունաբերական ու առևտրային կապիտալիստների ամբողջ դասակարգի համար։ Ինչպես այդ տեղի ուներ ապրանքային-առևարային կապիտալի նկատմամբ, այստեղ էլ արդյունաբերական կապիտալի մի մասը, որ շրջանառության պրոցեսում փողային կապիտալի կերպարանքով գոյություն ունի, բաժանվում է և վերարտադրության պրոցեսի այս գործառնությունները կատարում մնացած ամբողջ կապիտալի համար։ Այսպիսով ուրեմն, այս փողային կապիտալի շարժումները դարձյալ վերարտադրության պրոցեսում ընդգրկված արդյունաբերական կապիտալի մի անջատված մասի շարժումներ են միայն։ Լոկ այն ժամանակ ու այն չափով, երբ ու որչափով կապիտալը նոր է ներդրվում — մի բան, որ տեղի է ունենում կուտակման դեպքում էլ — կապիտալը փողային ձևով հանդես է գալիս իբրև շարժման ելակետ ու վերջնակետ։ Բայց արդեն իր շարժման պրոցեսի մեջ գտնվող ամեն մի կապիտալի համար ելակետը, ինչպես և վերջնակետը, լոկ իբրև անցումննակետ են հանդիսանում։ Որչափով որ արդյունաբերական կապիտալն արտադրության ոլորտից դուրս գալուց սկսած մինչև նորից միևնույնի մեջ մտնելը պետք է Ա´—Փ—Ա փոխակերպությունը կատարի, այնչափով Փ-ն, ինչպես այդ արդեն երևաց պարզ ապրանքային շրջանառության դեպքում, փոխակերպության մի փուլի վերջնական հետևանքն է հանդիսանում՝ հակադիր, նրան լրացնող փուլի ելակետի փոխարկվելու համար։ Եվ չնայած որ արդյունաբերական կապիտալի Ա—Փ-ն առևտրային կապիտալի համար միշտ ներկայանում է իբրև Փ—Ա—Փ, սակայն սրա համար էլ հենց որ սա մի անգամ գործել է սկսում, իրական պրոցեսը Ա—Փ—Ա պրոցեսն է շարունակ։ Բայց առևտրային կապիտալն Ա—Փ ու Փ—Ա ակտերը կատարում է միաժամանակ։ Այսինքն ոչ միայն մի կապիտալ Ա—Փ փուլում է գտնվում այն ժամանակ, երբ մի ուրիշը գտնվում է Փ—Ա փուլում, այլև, միևնույն կապիտալը միաժամանակ գնում է մշտապես և ծախում է մշտապես, որովհետև արտադրության պրոցեսն անընդհատ է, նա միաժամանակ երկու փուլում է գտնվում շարունակ։ Մինչդեռ, նրա մի մասը փողի է փոխարկվում՝ հետո ապրանքի ետփոխարկվելու համար, միաժամանակ մի ուրիշ մասը փոխարկվում է ապրանքի, որ ետփոխարկվի փողի։ Արդյոք փողն այստեղ իբրև շրջանառության միջոց է գործում, թե իբրև վճարման միջոց, այս կախված է ապրանքային փոխանակության ձևից։ Երկու դեպքում էլ կապիտալիստը պետք է միշտ փող վճարի շատ անձերի և շատ անձերից միշտ փող ստանա ի վճար։ Փողի վճարման ու փողի ստացման այս սոսկ տեխնիկական գործառնությունը ներկայացնում է ըստինքյան մի աշխատանք, որն անհրաժեշտ է դարձնում վճարումների բալանսային ամփոփումները, փոխադարձ պարտավորությունների մարման ակտերը, որչափով որ փողն իբրև վճարման միջոց է ծառայում։ Այս աշխատանքը շրջանառության մի ծախք է, արժեստեղծ աշխատանք չի։ Նա կրճատվում է այն պարագայի հետևանքով, որ գործակալների կամ թե կապիտալիստների մի հատուկ ստորաբաժանման ձեռքով է կատարվում կապիտալիստների մնացյալ ամբողջ դասակարգի համար։ Կապիտալի մի որոշ մասը միշտ պետք է առկա լինի իբրև գանձ, իբրև պոտենցիալ փողային կապիտալ — գնման միջոցների պահեստ, վճարման միջոցների պահեստ, չզբաղված կապիտալ, որ փողային ձևի մեջ մտած՝ իր կիրառմանն է սպասում. իսկ կապիտալի մի այլ մասը միշտ ետ է հոսում այս ձևով։ Այս, բացի գանձումից, վճարումից ու տոմարակալումից, անհրաժեշտ է դարձնում գանձի պահպանումը, որը դարձյալ մի հատուկ գործառնություն է։ Այսպիսով ուրեմն, գանձի այս մշտական տարրալուծումը շրջանառության միջոցի ու վճարման միջոցի և նրա վերագոյացումը վաճառքի ժամանակ ստացած փողից ու ժամկետը հատած վճարքից, կապիտալի իբրև փող գոյություն, ունեցող մասի այս մշտական շարժումը, անջատված բուն իսկ կապիտալի ֆունկցիայից, այս զուտ տեխնիկական գործառնությունն է իրոք, որ պահանջում է հատուկ աշխատանք ու ծախքեր — շրջանառության ծախքեր։ Աշխատանքի բաժանման հետ է կապված այն, որ այս տեխնիկական գործառնությունները, որոնք պայմանավորված են կապիտալի ֆունկցիաներով, կատարվում են, որքան հնարավոր է, կապիտալիստների ամբողջ դասակարգի համար՝ գործակալների կամ թե կապիտալիստների մի ստորաբաժանման ձեռքով, իբրև բացառիկ ֆունկցիաներ, կամ թե կենտրոնանում են նրանց ձեռքում։ Այստեղ, ինչպես վաճառականական կապիտալի դեպքում, աշխատանքի բաժանումը տեղի ունի երկակի իմաստով։ Առաջանում է ձեռնարկուական գործունեության մի հատուկ ճյուղ, և որովհետև այս հատուկ գործունեությունը կատարվում է ամբողջ դասակարգի փողային մեխանիզմը սպասավորելու համար, ուստի կենտրոնացվում, գործադրվում է խոշոր մասշտաբով. իսկ այստեղ արդեն նորից աշխատանքի բաժանում է տեղի ունենում այս հատուկ գործի ներսում՝ ինչպես միմյանցից անկախ տարբեր ճյուղերի տրոհման հետևանքով, այնպես և այս ճյուղերի ներսում արհեստանոց գոյանալու հետևանքով (խոշոր գրասենյակներ, բազմաթիվ հաշվապահներ ու գանձապահներ, ընդարձակածավալ աշխատանքի բաժանում)։ Փողի վճարումը, գանձումը, բալանսների հավասարեցումը, ընթացիկ հաշիվների վարումը, փողի պահպանումը և այլն, անջատված լինելով այն ակտերից, որոնք անհրաժեշտ են դարձնում այս տեխնիկական գործառնությունները,— այս ֆունկցիաների համար կանխավճարված կապիտալը դարձնում են փողային-առևտրային կապիտալ։ Այն տարբեր գործառնությունները, որոնց անջատումից ու հատուկ զբաղմունքներ դառնալուց է ծագում փողի առևտուրը, բխում են բուն իսկ փողի տարբեր որոշումներից ու նրա ֆունկցիաներից, որ պետք է կատարի նաև կապիտալն իբրև փողային կապիտալ։ Ես առաջ արդեն ցույց եմ տվել, թե ինչպես ընդհանուր առմամբ փողն սկզբնապես զարգանում է տարբեր համայնքների միջև կատարվող արդյունքների փոխանակության պրոցեսում<ref>„Zur Kritik der politischen Oekonomie“, 1859, էջ 27 [Կ. Մարքս. «Քաղաքատնասության քննադատության շուրջը», 1932, էջ 96—97։ Տես նաև «Կապիտալ», հատ. I, էջ 56]։</ref>։ Ուստի փողի առևտուրը, փողային ապրանքի առևտուրն ամենից առաջ միջազգային հարաբերությունից է զարգանում։ Քանի որ ամեն մի երկիր իր հատուկ դրամն ունի, ապա այն վաճառականները, որոնք օտար երկրներում են գնումներ կատարում, պետք է իրենց երկրի դրամը փոխարկեն այլ երկրների դրամների ու ընդհակառակը, կամ թե պետք է տարբեր դրամները փոխարկեն զուտ արծաթի կամ ոսկու կտորների, իբրև համաշխարհային փողի։ Այստեղից էլ առաջ է գալիս դրամափոխության գործը, որը պետք է դիտել իբրև փողի արդի առևտրի բնաճուն հիմքերից մեկը<ref>«Այն մեծ տարբերության հետևանքով արդեն, որ գոյություն ունի տարբեր դրամների քաշի ու հարգի միջև, մանավանդ որ դրամահատման իրավունք են վայելում բազմաթիվ իշխաններ ու քաղաքներ, առևտրային այն գործերում, որտեղ հարկավոր էր հաշվեհարդար կատարել մի դրամի միջոցով, անհրաժեշտություն էր առաջ գալիս տեղական դրամը գործածելու։ վաճառականները, երբ մի օտար շուկա էին ուղևորվում, կանխիկ վճարումների համար իրենց ապահովում էին չդրամահատված զուտ արծաթի, ինչպես և ոսկու պաշարով։ Վերադարձի ուղին բռնելիս նմանապես նրանք ստացած տեղական դրամը փոխանակում էին չդրամահատված արծաթի կամ ոսկու հետ։ Ուստի և դրամափոխական գործերը, փողի առևտուրը, չդրամահատված ազնիվ մետաղների փոխարկումը տեղական դրամի ու ընդհակառակը, մի շատ տարածված ու. շահավետ գործ դարձան» (Hüllmann: „Städtewesen des Mittelalters”. Bonn, 1826-29, հ. I, էջ 487-438)։ — „Die Wesselbank” (մանըունաբանկն) իր անունն ստացավ ոչ թե մուրհակից (Wissel), ոչ թե փոխանակագրից, այլ փողի տարբեր տեսակների wisselen (մանրումից)։ 1609 թվականին, Ամստերդամի մանրունաբանկի հիմնադրումից շատ առաջ, նիդերլանդական առևտրային քաղաքներում կային դրամափոխներ, դրամափոխ կրպակներ ու նույնիսկ մանրունաբանկեր։... Այս դրամափոխների զբաղմունքն այն էր, որ նրանք դրամի այն զանազան ու բազմաթիվ տեսակները, որ օտար վաճառականները ներս էին բերում երկիր, փոխում էին օրենքով ճանաչված ընթացիկ դրամի հետ։ Աստիճանաբար նրանց գործունեության ասպարեզն ընդարձակվեց... Նրանք դարձան իրենց ժամանակի կասսիրներ ու բանկիրներ։ Բայց կասսիրի ու դրամափոխի զբաղմունքների միացման մեջ վտանգ տեսան Ամստերդամի իշխանությունները, և այս վտանգը կանխելու համար որոշվեց մի խոշոր հաստատություն հիմնել, որը փոխարիներ ինչպես դրամափոխներին, այնպես էլ կասսիրներին և գործեր բացահայտ, կանոնադրության համաձայն։ Հենց այսպիսի հիմնարկություն եղավ 1609 թվականին հիմնած Ամստերդամի հռչակավոր մանրունաբանկը։ Ճիշտ այսպես էլ առաջ եկան մանրունաբանկեր Վենետիկում, Ճենովայում, Ստոկհոլմում, Համբուրգում՝ փողի տարբեր տեսակները մանրելու մշտական պահանջմունքի հետևանքով։ Այս բոլոր բանկերից դեռ մինչև հիմա գոյություն ունի միմիայն Համբուրգինը, որովհետև այս առևտրային քաղաքը, որը սեփական դրամահատում չունի, դեռ մինչև հիմա էլ այսպիսի հիմնարկի կարիք է զգում» և այլն (S. Wissering: „Handboek van Praktische Staathuishoudkunde”, Amsterdam, 1860, հ. I, էջ 247)։</ref>։ Սրանից ծագելով զարգանում են մանրունաբանկերը, որտեղ արծաթը (կամ թե ոսկին) գործում է իբրև համաշխարհային փող — ներկայումս իբրև բանկային փող կամ առևտրային փող — տարբերվելով ընթացիկ դրամից։ Մուրհակային գործը, որչափով որ հանգում էր մի երկրի դրամափոխի կողմից ճանապարհորդին սոսկ վճարման հավաստագիր տալուն մի ուրիշ երկրի դրամափոխի վրա՝ բուն դրամափոխության գործից առաջ գալով զարգացած էր արդեն Հռոմում և Հունաստանում։ Ոսկու և արծաթի իբրև ապրանքների (պերճանքի առարկաներ պատրաստելու հումքի) առևտուրը. կազմում է այդ մետաղների ձուլառևտրի (bullion trade) կամ այն առևտրի բնաճուն պատվանդանը, որն իրագործում է փողի, իբրև համաշխարհային փողի ֆունկցիաները։ Այս ֆունկցիաները, ինչպես առաջ արդեն պարզաբանել ենք (I գիրք, III գլուխ, 3, c), երկակի են. տարբեր ազգային շրջանառության ոլորտների միջև տեղի ունեցող փողի ներհոսումն ու արտահոսումը միջազգային վճարումների հաշվեհարդարի համար ու տոկոսառության նպատակով կատարվող՝ կապիտալի թափառումների ժամանակ. սրա կողքին՝ ազնիվ մետաղների արտադրության ակունքներից ծավալվող շարժումը համաշխարհային շուկայով մեկ ու արտադրանքի բաշխումը տարբեր ազգային շրջանառության ոլորտների միջև։ Անգլիայում 17-րդ դարի մեծագույն մասի ընթացքում դեռ ոսկերիչները գործում էին, իբրև բանկիրներ։ Թե ինչպես միջազգային վճարումների հաշվեհարդարը զարգանալով վեր է ածվում մուրհակների առևտրի և այլն, այս մենք առայժմ բոլորովին մի կողմ ենք թողնում, ինչպես և այն բոլորը, որ վերաբերում է արժեթղթերի հետ կապված գործառնություններին, կարճ ասած՝ իր բոլոր առանձնահատուկ ձևերով հանդես եկող վարկային գործը, որը մեզ այստեղ դեռ չի վերաբերում։ Ազգային փողը հանդես գալով իբրև համաշխարհային փող՝ թոթափում է իր տեղային բնույթը. մի երկրի փողն արտահայտվում է մի ուրիշ երկրի փողով, և այսպիսով ամենը վեր է ածվում նրանց մեջ պարունակվող ոսկուն կամ արծաթին, մինչդեռ վերջիններս իբրև երկու ապրանք, որոնք շրջանառում են իբրև համաշխարհային փող, միմյանց հարաբերում են համաձայն իրենց արժեքների, մի հարաբերություն, որը մշտապես փոփոխվում է։ Համապատասխան գործառնությունների սպասավորումը փողի առևտրականի համար դառնում է մի առանձնահատուկ զբաղմունք։ Այսպիսով ուրեմն, դրամափոխությունն ու ձուլառևտուրը փողի առևտրի ամենասկզբնական ձևերն են և ծագում են փողի, իբրև տեղային դրամի ու իբրև համաշխարհային փողի երկակի ֆունկցիայից։ Արտադրության կապիտալիստական պրոցեսից, ինչպես ընդհանրապես առևտրից՝ արտադրության նույնիսկ մինչկապիտալիստական եղանակի ժամանակ, բխում է. '''Աոաջին'''. փողի, իբրև գանձի, հավաքումը, այսինքն ներկայումս կապիտալի այն մասի հավաքումը, որը միշտ պետք է փողի ձևով առկա լինի իբրև վճարման ու գնման միջոցների պահեստաֆոնդ։ Այս՝ գանձի առաջին ձևն է, որով նա վերահայտնվում է արտադրության կապիտալիստական եղանակի մեջ և ընդհանրապես գոյանում է առևտրային կապիտալի զարգացման ընթացքում, առնվազը հենց այս առևտրային կապիտալի համար։ Երկուսն էլ վերաբերում են ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շրջանառությանը։ Այս գանձը միշտ հոսանուտ է, միշտ թափվում է շրջանառության մեջ և միշտ դուրս է ելնում նրանից։ Գանձի երկրորդ ձևը պարապ ընկած, ժամանակավորապես չզբաղված կապիտալն է փողի ձևով, որի շարքին պատկանում է նաև նոր կուտակված ու դեռ չներդրված փողային կապիտալը։ Այն ֆունկցիաները, որոնք անհրաժեշտ են դառնում գանձի այս գոյացման, իբրև այսպիսինի, հետևանքով, ամենից առաջ նրա պահպանումն է, մատյաններ վարելը և այլն։ Բայց, '''երկրորդ''', սրա հետ կապված է գնումների ժամանակ փող ծախսելը, վաճառքների ժամանակ փող ընդունելը, վճարումների ժամանակ փող վճարելն ու ստանալը, վճարումների հաշվեհարդարը և այլն։ Փողի առևտրականն այս բոլորը կատարում է վաճառականների ու արդյունաբերական կապիտալիստների համար ամենից առաջ իբրև հասարակ '''կասսիր'''<ref>«կասսիրների հաստատությունը գուցե ոչ մի տեղ այնպես զուտ չի պահպանում իր սկզբնական, ինքնուրույն բնույթը, ինչպես Նիդերլանդիայի առևտրային քաղաքներում (Ամստերդամի կասսիրների հաստատության ծագման մասին տե՛ս E. Lusac: „Holland’s Rykdom” [Leydon, 1782], մասն III)։ Նրանց ֆունկցիաները մասամբ համընկնում են Ամստերդամի հին մանրունաբանկի ֆունկցիաների հետ։ Կասսիրն այն վաճառականներից, որոնք օգտվում են նրա ծառայությունից, ստանում է մի որոշ գումարի փող, որի դիմաց նա իր մատյաններում «վարկ» է բաց անում նրանց. այնուհետև նրանք նրան են ուղարկում իրենց պարտապահանջմունքները, որոնցով նա փող է ստանում նրանց համար և նրանց վարկատրում է տվյալ չափով. կամ թե, ընդհակառակը, նա նրանց պատվիրագրերի (kassiers briefjes) համաձայն վճարումներ է կատարում և համապատասխան գումարը հանում է նրանց ընթացիկ հաշվից։ Այս մուտքերի ու վճարումների համար նա իրեն մասնահանում է մի աննշան տոկոս, որն իր աշխատանքի համար մի համապատասխան վարձ է տալիս այն շրջանառության զգալի չափերի հետևանքով, որ նա գլուխ է բերում երկու կողմի միջև գործելով։ Եթե պետք է վճարումների հաշվեհարդար կատարել երկու վաճառականի միջև, որոնք երկուսն էլ գործ են անում միևնույն կասսիրի միջոցով, նրանց այսպիսի վճարումները շատ հասարակ կերպով կատարվում են զուգահեռաբար մատյան մուծելու միջոցով, ընդորում կասսիրները նրանց փոխադարձ պահանջները հաշվեկշռում են օրեցօր։ Այսպիսով ուրեմն, կասսիրների բուն գործն այս վճարումների սպասավորումս է. հետևաբար սա բացառում է արդյունաբերական ձեռնարկությունները, սպեկուլացիան ու բլանկային վարկեր բանալը, որովհետև այստեղ պետք է կանոն լինի այն, որ կասսիրը նրա համար, ում նա հաշիվ է բացել իր մատյաններում, ոչ մի վճարում չի կատարում, որը գերազանցեր նրա գույքից (Vissering, նույն գործը, էջ 134)։ Վենետիկի կասսային միությունների մասին. «Քանի որ Վենետիկի պահանջմունքի ու աշխարհագրական դիրքի հետևանքով այնտեղ կանխիկ փողի փոխադրությունն ավելի դժվարին է, քան ուրիշ վայրերում, ապա այս քաղաքի մեծածախ առևտրականները սկսեցին հիմնել կասսային միություններ՝ պատշաճ ապահովության, վերահսկողության ու կառավարման պայմաններում, այսպիսի ամեն մի միության անդամները որոշ գումարի մուծումներ էին անում, որոնց դիմաց նրանք իրենց վարկատուներին կարգադրական գրեր էին տալիս է ընդորում վճարված գումարը համապատասխան մատյանում դուրս էր գրվում պարտապանի հաշվեթերթից և ավելացվում այն գումարին, որ վարկատուն ուներ այնտեղ։ Սրանք այսպես կոչված ժիրո–բանկերի անդրանիկ սկզբնավորություններն էին։ Հին են այս միությունները։ Սակայն, երբ նրանց հիմնադրումը վերագրում են 12-րդ դարին, ապա սրանք շփոթում են 1171 թվականին Հիմնված՝ պետական փոխառությունների հաստատության հետ» (Hüllmann, նայն գործը, էջ 453-454)։</ref>։ Փողի առևտուրը լիովին զարգանում է — իսկ այս միշտ կատարվում է նրա գոյության սկզբնական շրջանում արդեն — երբ նրա մյուս ֆունկցիաներին միանում են փոխառությունները, փոխատվությունները և վարկով առևտուրը։ Այս մասին՝ հաջորդ բաժնում, տոկոսաբեր կապիտալի առնչությամբ։ Ձուլառևտուրն ինքը, ոսկին կամ արծաթը մի երկրից մի ուրիշ երկիր փոխադրելը, ապրանքային առևտրի հետևանք է լոկ, որը որոշվում է մուրհակային կուրսով, իսկ սա միջազգային վճարումների դրությունն ու տարբեր շուկաներում տիրապետող տոկոսադրույքն է արտահայտում։ Ձուլառևտրականն իբրև այսպիսին միմիայն այս հետևանքներն է սպասավորում։ Փողի վերլուծման ժամանակ, երբ հետազոտում էինք, թե ինչպես են նրա շարժումներն ու նրա որոշ ձևերն առաջ գալիս պարզ ապրանքային շրջանառությունից, մենք տեսանք (I գիրք, III գլուխ), թե ինչպես իբրև գնման միջոց ու վճարման միջոց շրջանառող փողի մասսան որոշվում է ապրանքների փոխակերպությամբ, սրա ծավալով ու արագությամբ, ընդորում ինքն այդ փոխակերպությունը, ինչպես հիմա գիտենք, վերարտադրության ամբողջ պրոցեսի մի մոմենտն է միայն։ Ինչ վերաբերում է իր արտադրության ակունքներից փողային մատերիալ — ոսկի ու արծաթ — հայթայթելուն, ապա այս հանգում է անմիջական ապրանքային փոխանակության, ոսկին ու արծաթն իբրև ապրանք մի ուրիշ ապրանքի հետ փոխանակելուն, ուրեմն ապրանքային փոխանակության մի մոմենտն է ճիշտ նույնպես, ինչպես երկաթի կամ թե մյուս մետաղների հայթայթումը։ Իսկ ինչ վերաբերում է ազնիվ մետաղների շարժմանը համաշխարհային շուկայում (մենք այստեղ անտեսում ենք այս շարժումն այն չափով, որչափով որ նա կապիտալի փոխարինաբար կատարվող տարափոխում է արտահայտում, մի տարափոխում, որ տեղի է ունենում նաև ապրանքային կապիտալի ձևով, ապա նա որոշվում է միջազգային ապրանքային փոխանակությամբ բոլորովին նույն կերպ, ինչպես փողի շարժումը երկրի ներսում, իբրև գնման միջոցի ու վճարման միջոցի շարժում, որոշվում է երկրի ներքին ապրանքային փոխանակությամբ։ Ազնիվ մետաղների արտագաղթն ու ներգաղթը մի ազգային շրջանառության ոլորտից մի ուրիշ ազգային ոլորտ, որչափով որ այս շարժումները տեղային դրամի արժեքի անկման կամ կրկնակի վալյուտայի հետևանք են միայն, կապ չունեն փողի շրջանառության իբրև այսպիսու հետ և կամայական, պետության կողմից պատճառած խախտումների սոսկական ուղղումն են։ Վերջապես ինչ վերաբերում է գանձի գոյացմանը, որչափով որ սա ներքին կամ արտաքին առևտրի գնման միջոցների կամ վճարման միջոցների պահեստի ֆոնդ է ներկայացնում, այլ և որչափով առժամանակ չզբաղված կապիտալի սոսկական ձևն է հանդիսանում, ապա նա երկու դեպքում էլ շրջանառության, պրոցեսի մի անհրաժեշտ տկնուցքն է։ Ինչպես որ փողի ամբողջ շրջանառությունն իր ծավալով, իր ձևերով ու իր շարժումներով սոսկական հետևանք է ապրանքային շրջանառության, որը հենց ինքն էլ կապիտալիստական տեսակետից կապիտալի շրջանառության պրոցեսն է միայն ներկայացնում (իսկ այս պրոցեսն ընդգրկում է կապիտալի փոխանակությունը եկամտի հետ ու եկամտի փոխանակությունը եկամտի հետ, որչափով որ եկամտի ծախսելն իրացվում է մանրածախ առևտրի մեջ), ապա հասկանալի է ինքնըստինքյան, որ փողի առևտուրը չի սպասավորում միայն ապրանքային շրջանառության սոսկական հետևանքն ու երևան գալու եղանակը, չի սպասավորում միայն փողի շրջանառությունը։ Ինքը, փողի այս շրջանառությունը, իբրև ապրանքային շրջանառության մի մոմենտ, տվյալ է փողի առևտրի համար։ Այս վերջինս սպասավորում է փողի շրջանառության տեխնիկական գործառնությունները, որոնք նա համակենտրոնացնում է, կրճատում և պարզեցնում։ Փողի առևտուրը գանձ չի գոյացնում, այլ տեխնիկական, միջոցներ է տալիս, որպեսզի գանձի այս գոյացումը, որչափով որ սա կամավոր է (ուրեմն կապիտալի չզբաղվածության կամ թե վերարտադրության պրոցեսի խանգարման արտահայտություն չի), իր տնտեսական մինիմումին վերածվի, քանի որ գնման միջոցների ու վճարման միջոցների պահեստի ֆոնդը, եթե սրա տնօրինությունը կապիտալիստների ամբողջ դասակարգի ձեռքին է, կարիք չունի այնքան մեծ լինելու, որքան կլիներ, եթե տնօրիներ ամեն մի կապիտալիստ առանձին-առանձին։ Փողի առևտուրն ազնիվ մետաղներ չի գնում, այլ լոկ սպասավորում է նրանց բաշխումը, երբ ապրանքային առևտուրը գնել է արդեն այդ մետաղները։ Փողի առևտուրը հեշտացնում է հաշվեկշիռների հավասարեցումը, որչափով որ փողն իբրև վճարման միջոց է գործում, և այս հավասարեցումների արհեստական մեխանիզմի միջոցով քչացնում է սրա համար պահանջվող փողի մասսան. բայց նա փոխադարձ վճարումների ոչ կապն է որոշում ու ոչ էլ չափերը։ Օրինակ, այն մուրհակներն ու չեկերը, որ բանկերում ու clearing house-ներում [ղեղչման պալատներում] փոխանակվում են միմյանց հետ, կապված են սրանցից բոլորովին անկախ գործառնությունների հետ, հետևանք են արդեն կատարված գործառնությունների և խնդիրն այն մասին է միայն, որ այս հետևանքները տեխնիկապես ավելի լավ հավասարեցվեն։ Որչափով փողն իբրև գնման միջոց է շրջանառում, գնումների ու վաճառքների չափերն ու թիվը միանգամայն անկախ են փողի առևտրից։ Սա կարող է միմիայն կրճատել այն տեխնիկական գործառնությունները, որոնք ուղեկից են այդ գործարքներին, և սրանով էլ քչացնել կանխիկ փողի այն մասսան, որ անհրաժեշտ է նրանց պտույտի համար։ Այսպիսով ուրեմն, փողի առևտուրն իր զուտ ձևով, որով մենք այստեղ քննում ենք այն, այսինքն վարկային գործից անջատ, գործ ունի ապրանքային շրջանառության մի մոմենտի, այն է՝ փողի շրջանառության ու սրանից բխող փողի տարբեր ֆունկցիաների տեխնիկայի հետ միայն։ Այս պարագան էապես տարբերում է փողի առևտուրն ապրանքների առևտրից, որն սպասավորում է ապրանքի փոխակերպությունն ու ապրանքային փոխանակությունը կամ թե նույնիսկ ապրանքային կապիտալի այս պրոցեսը ներկայացնում է որպես արդյունաբերական կապիտալից առանձնացած մի կապիտալի պրոցես։ Ուստի եթե ապրանքային-առևտրային կապիտալը երևան է հանում շրջանառության մի սեփական ձև, Փ—Ա—Փ, որտեղ ապրանքն է իր տեղը փոխում երկու անգամ, իսկ սրա հետևանքով փողը ետ է հոսում,— հակադրվելով Ա—Փ—Ա ձևին, որտեղ փողն է երկու անգամ անցնում ձեռքից-ձեռք և սրանով սպասավորում է ապրանքային փոխանակությունը,— ապա փողային-առևտրային կապիտալի համար ոչ մի այնպիսի հատուկ ձև ցույց տրվել չի կարող։ Որչափով որ կապիտալիստների մի առանձին ստորաբաժանման կողմից փողային, կապիտալ է կանխավճարվում փողի շրջանառության տեխնիկական սպասավորման համար — մի կապիտալ, որը փոքրացրած մասշտաբով ներկայացնում է այն ավելադիր կապիտալը, որն այլապես նույն նպատակով պետք է կանխավճարեին հենց իրենք վաճառականներն ու արդյունաբերական կապիտալիստները,— նույն չափով այստեղ էլ առկա է կապիտալի ընդհանրական Փ—Փ´ ձևը։ Փ-ի կանխավճարմամբ Փ + ΔՓ է ստեղծվում կանխավճարողի համար։ Բայց Փ—Փ´-ի սպասավորումն այստեղ վերաբերում է ոչ թե փոխակերպության էությանը, այլ նրա տեխնիկական մոմենտներին։ Ակներև է, որ փողային կապիտալի այն մասսան, որի հետ գործ ունեն փողի առևտրականները, վաճառականների ու արդյունաբերողների շրջանառության մեջ գտնվող փողային կապիտալն է, և որ այն գործառնությունները, որ նրանք են կատարում, գործառնություններ են լոկ կապիտալիստների այն խավերի, որոնց փողի առևտրականները սպասավորում են։