Changes
Ակներև է, որ փողային կապիտալի այն մասսան, որի հետ գործ ունեն փողի առևտրականները, վաճառականների ու արդյունաբերողների շրջանառության մեջ գտնվող փողային կապիտալն է, և որ այն գործառնությունները, որ նրանք են կատարում, գործառնություններ են լոկ կապիտալիստների այն խավերի, որոնց փողի առևտրականները սպասավորում են։
Նմանապես պարզ է, որ սրանց շահույթը լոկ մի հանուրդ է հավելյալ արժեքից, որովհետև սրանք գործ ունեն արդեն իրացված արժեքների հետ միայն (նույնիսկ եթե արժեքներն իրացված են լոկ պարտապահանջումների ձևով)։
Ինչպես ապրանքների առևտրում, այստեղ էլ ֆունկցիայի երկտրոհում է կատարվում։ Որովհետև փողի շրջանառության հետ շաղկապված տեխնիկական գործառնությունների մի մասը պետք է ապրանքի առևտրականներն ու ապրանք արտադրողները կատարեն։
===ՔՍԱՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ===
Ապրանքային-առևտրային կապիտալի ու փողային-առևտրային կապիտալի փողային կուտակման առանձնահատուկ ձևը լոկ հաջորդ բաժնում է քննվելու։
Մինչև այժմ շարադրածից հետևում է ինքնըստինքյան, որ ավելի անհեթեթ բան չի կարող լինել, քան այն, որ վաճառականական կապիտալը, լինի սա ապրանքային-առևտրային կապիտալի, թե փողային-առևտրային կապիտալի ձևով, գիտվում է իբրև արդյունաբերական կապիտալի մի առանձին տեսակ, ինչպես որ, ասենք, օրինակ, լեռնագործությունը, երկրագործությունը, անասնաբուծությունը, մանուֆակտուրան, տրանսպորտի արդյունաբերությունը և այլն կազմում են աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով առաջացած ճյուղավորումներ և ուրեմն արդյունաբերական կապիտալի ներդրման առանձին ոլորտներ։ Արդեն այն հասարակ դիտողությունը, որ ամեն մի արդյունաբերական կապիտալ, գտնվելով իր վերարտադրության պրոցեսի շրջանառության փուլում, իբրև ապրանքային կապիտալ ու փողային կապիտալ ամբողջապես նույն այն ֆունկցիաներն է կատարում, որոնք երկու ձևով ներկայացող վաճառականական կապիտալի բացառիկ ֆունկցիաներն են հանդիսանում,— պետք է անհնարին դարձներ այս կոպիտ ըմբռնումը։ Ընդհակառակը, արդյունաբերական կապիտալի, իբրև արտադրողական կապիտալի, ու շրջանառության ոլորտում հանդես եկող միևնույն կապիտալի միջև եղած տարբերություններն ապրանքային-առևտրային կապիտալի ու փողային-առևտրային կապիտալի մեջ ձեռք են բերում ինքնուրույնություն, որովհետև այն որոշ ձևերն ու ֆունկցիաները, որ կապիտալն այստեղ ստանձնում է ժամանակավորապես, երևան են գալիս իբրև կապիտալի անջատված մասի ինքնուրույն ձևեր ու ֆունկցիաներ և զոդված են բացառապես այս մասի հետ։ Արդյունաբերական կապիտալի փոխակերպյալ ձևն ու արտադրական տարբեր ձեռնարկներում գործող արտադրողական կապիտալների միջև եղած այն իրեղեն տարբերությունները, որոնք բխում են արդյունաբերության տարբեր ճյուղերի բնությունից, սար ու ձոր զանազանություն ունեն միմյանցից։
Բացի այն բրտությունից, որով տնտեսագետն ընդհանրապես քննում է ձևերի տարբերությունները, որոնք նրան իրոք միմիայն իրեղենի կողմից են հետաքրքրում, գռեհիկ տնտեսագետի մոտ այս շփոթման հիմքը կազմում են երկու հանգամանք էլ։ Առաջին՝ նրա անընդունակությունը՝ բացատրելու առևտրային շահույթն իր առանձնահատկությամբ հանդերձ. երկրորդ. նրա ջատագովական ձգտումը՝ դուրս բերել ապրանքային կապիտալի ու փողային կապիտալի, այնուհետև նաև ապրանքային-առևտրային կապիտալի ու փողային-առևտրային կապիտալի ձևերը, իբրև այնպիսի տեսակներ, որոնք անհրաժեշտորեն առաջ են գալիս արտադրության պրոցեսից, իբրև այսպիսուց, այնինչ սրանք առաջ են եկել արտադրության կապիտալիստական եղանակի առանձնահատուկ ձևից, կապիտալիստական եղանակի, որն իբրև իր պատվանդան ամենից առաջ ապրանքային շրջանառություն և ուրեմն փողային շրջանառություն է ենթադրում։
Եթե ապրանքային-առևտրային կապիտալն ու փոդային-առետրային կապիտալն այլ կերպ չտարբերվեին հացահատիկի մշակությունից, քան սա անասնաբուծությունից ու մանուֆակտուրայից է տարբերվում, ապա լույսի պես պարզ կլիներ, որ արտադրությունն ու կապիտալիստական արտադրությունն ընդհանրապես նույնանում են և որ մասնավորապես հասարակական արդյունքի բաշխումը հասարակության անդամների միջև — լինի սա արտադրողական կամ թե անհատական սպառման նպատակով, միևնույն է,— նմանապես պետք է հավիտյան վաճառականների, ու բանկիրների միջնորդությամբ կատարվի, ինչպես միս վայելելը՝ անասնաբուծության ու հագուստներ գործածելը՝ սրանց արտադրության միջնորդությամբ<ref>Իմաստուն Ռոշերը խելքին զոռ տալով հնարամտել է [W. Roscher: „Die Grundlagen der Nationalökonomie”, 1857, էջ 102], որ եթե ոմանք առևտուրը բնորոշում են իբրև «միջնորդագործում» արտադրողների ու սպառորդների միջև, ապա նույն հաջողությամբ կարելի է բուն իսկ արտադրությունն էլ բնորոշել իբրև սպառման «միջնորդագործում» (ո՞ւմ միջև), որտեղից բնականաբար հետևում է, որ առևտրային կապիտալն արտադրողական կապիտալի մի մասն է այնպես, ինչպես երկրագործական կապիտալն ու արդյունաբերական կապիտալը։ Ուրեմն որովհետև կարելի է ասել, թե մարդ իր անհատական սպառումը կարող է սպասավորել միմիայն արտադրության միջոցով (նա այս պետք է անի նույնիսկ առանց լայպցիգյան կրթություն ունենալու), կամ թե բնությունը յուրացնելու համար անհրաժեշտ է մի որոշ աշխատանք (մի բան, որ կարելի է «միջնորդագործում» անվանել), ապա սրանից բնականաբար հետևում է, որ արտադրության մի մասնահատուկ հասարակական ձևից բխող հասարակական «միջնորդագործումը»,— որովհետև սա միջնորդագործում է,— անհրաժեշտության միևնույն բացարձակ բնույթն ունի, միևնույն կարգին է պատկանում։ Միջնորդագործում բառը վճռում է ամեն ինչ։ Սակայն չէ՞ որ վաճառականները միջնորդներ են ոչ թե արտադրողների ու սպառորդների միջև (վերջիններիս տարբերելով առաջիններից՝ մենք առայժմ անտեսում ենք այն սպառորդներին, որոնք չեն արտադրում), այլ այս արտադրողների արդյունքների միջև կատարվող փոխադարձ փոխանակության միջնորդներ են, լոկ միջնակա անձեր են մի փոխանակության, որը մշտապես հազարավոր դեպքերում առանց նրանց է կատարվում։</ref>։
Որովհետև մեծ տնտեսագետները, ինչպես Սմիթը, Ռիկարդոն և այլն, քննում էին կապիտալի հիմնական ձևը, կապիտալն իբրև արդյունաբերական կապիտալ, իսկ շրջանառության կապիտալը (փողային կապիտալն ու ապրանքային կապիտալը) նրանց փաստորեն այն չափով էր միայն հետաքրքրում, որչափով սա ինքն ամեն մի կապիտալի վերարտադրության պրոցեսի մի փուլ է — ուստի նրանք դժվարության մեջ ընկան առևտրական կապիտալի, իբրև կապիտալի մի յուրահատուկ տեսակի, հանդեպ։ Արժեքի գոյացմանը, շահույթին և այլոց վերաբերյալ այն դրույթները, որոնք անմիջաբար հետևեցրած են արդյունաբերական կապիտալի քննությունից, վաճառականական կապիտալին ուղղակի չեն համապատասխանում։ Այս պատճառով հիշյալ տնտեսագետներն իրապես բոլորովին մի կողմ են թողնում վաճառականական կապիտալը և սրա մասին հիշատակում են լոկ իբրև արդյունաբերական կապիտալի մի տեսակի մասին։ Որտեղ նրանք հատկապես խոսում են նրա մասին, ինչպես, օրինակ, Ռիկարդոն արտաքին առևտրի առնչությամբ, այնտեղ նրանք աշխատում են ապացուցել, որ վաճառականական կապիտալը ոչ մի արժեք (հետևաբար նաև ոչ մի հավելյալ արժեք) չի ստեղծում։ Բայց այն ամենը, ինչ վերաբերում է արտաքին առևտրին, իր ուժը պահպանում է նաև ներքին առևտրի վերաբերմամբ։
<br>
<TABLE border = 0 width="128px" align=center>
<TR>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
<br>
Մինչև հիմա մենք վաճառականական կապիտալը քննել ենք արտադրության կապիտալիստական եղանակի տեսակետից ու նրա սահմաններում։ Բայց ոչ միայն առևտուրը, այլ և առևտրային կապիտալն ավելի հին են, քան արտադրության կապիտալիստական եղանակը, իրոք առևտրային կապիտալը պատմականորեն կապիտալի գոյության ամենահին ազատ ձևն է։
Որովհետև մենք արդեն տեսել ենք, որ փողի առևտուրն ու սրա համար կանխավճարված կապիտալն իրենց զարգացման համար ուրիշ ոչինչ չեն պահանջում, բացի մեծածախ առևտրից ու ապրանքային-առևտրային կապիտալից, ուստի միմիայն այս վերջինով էլ մենք այստեղ կզբաղվենք։
Որովհետև առևտրային, կապիտալը ներփակված է շրջանառության ոլորտում, և նրա ֆունկցիան բացառապես այն է, որ սպասավորի ապրանքների փոխանակությունը, ապա — մի կողմ թողնելով այն անզարգացած ձևերը, որոնք առաջ են գալիս անմիջական փոխանակային առևտրից — նրա գոյության համար ուրիշ ոչ մի պայման չի պահանջվում, քան այն պայմանները, որոնք անհրաժեշտ են պարզ ապրանքային ու փողային շրջանառության համար։ Կամ թե, ավելի շուտ, վերջինս նրա գոյության պայմանն է։ Արտադրության ինչ եղանակի պատվանդանի վրա էլ որ արտադրվելիս լինեն այն արդյունքները, որոնք իբրև ապրանքներ մտնում են շրջանառության մեջ,— լինի այդ նախնադարյան համայնական տնտեսությունը, թե ստրկության վրա հիմնած արտադրությունը, կամ թե մանր-գյուղացիական ու մանբ-բուրժուական, կամ կապիտալիստական արտադրությունը, միևնույն է,— այս պարագան ոչինչ չի փոփոխում նրանց, իբրև ապրանքների, բնույթի մեջ, և իբրև ապրանքներ նրանք պետք է անցնեն փոխանակության պրոցեսի ու սրան ուղեկցող ձևափոխությունների բովով։ Այն ծայրաթևերը, որոնց միջև միջնորդացործում է վաճառականական կապիտալը, արված են սրա համար, ճիշտ այնպես, ինչպես նրանք արված են փողի համար ու փողի շարժման համար։ Իսկ անհրաժեշտն այն է, որ այս ծայրաթևերն առկա լինեն իբրև ապրանքներ, ուզում է՝ արտադրությունն իր ամբողջ ծավալով ապրանքային արտադրություն լինի, թե շուկա նետվի սեփական ուժերով իրենց տնտեսությունը վարող, արտադրողների այն ավելցուկը, որը գերազանցում է այդ արտադրության միջոցով բավարարվող նրանց անմիջական պահանջմունքներից։ Վաճառականական կապիտալը սպասավորում է լոկ այս ծայրաթևերի, նրա համար իբրև նախադրյալներ տրված ապրանքների, շարժումը։
Այն ծավալը, որով արտադրանքը մտնում է առևտրի մեջ, անցնում է վաճառականների ձեռքով, կախված է արտադրության եղանակից և իր մաքսիմումին հասնում է կապիտալիստական արտադրության, լիակատար զարգացման ժամանակ, երբ արդյունքն արդեն արտադրվում է միմիայն իբրև ապրանք ու ոչ թե իբրև անմիջական սպառման միջոց։ Մյուս կողմից՝ արտադրության ամեն մի եղանակի պատվանդանի վրա առևտուրը զարկ է տալիս այն հավելութային արդյունքի արտադրմանը, որը նախանշված է փոխանակության մեջ մտնելու, որ շատացնի արտադրողների վայելքներն ու գանձերը (արտադրողներ ասելով այստեղ պետք է հասկանալ արդյունքների սեփականատերերին)։ հետևաբար առևտուրն արտադրությանը տալիս է ավելի ու ավելի հանուն փոխանակային արժեքի կատարվող արտադրության բնույթ։
Ապրանքների փոխակերպությունը, նրանց շարժումը կայանում է նրանում, որ 1) իրեղենի տեսակետից՝ ապրանքները միմյանց հետ փոխանակվում են, 2) ձևականորեն՝ վաճառքի պրոցեսում ապրանքը փոխարկվում է փողի, առքի պրոցեսում՝ փողը փոխարկվում է ապրանքի։ Եվ վաճառականական կապիտալի ֆունկցիան հանգում է այս ֆունկցիաներին, ապրանքներն առք ու վաճառքի միջոցով փոխանակելուն։ Այսպիսով ուրեմն նա լոկ սպասավորում է ապրանքային փոխանակությունը, որը սակայն, հենց այն գլխից չպետք է ընդունել իբրև անմիջական արտադրողների միջև տեղի ունեցող ապրանքային փոխանակություն։ Ստրկատիրական հարաբերության, ճորտատիրական հարաբերության, տուրքային հարաբերության ժամանակ (որչափով որ նկատի է առնվում պրիմիտիվ հասարակակարգը), արդյունք յուրացնողը, ուրեմն և սրա վաճառորդն ստրկատերն է, ֆեոդալը, տուրք գանձող պետությունը։ Վաճառականը գնում և ծախում է շատերի համար։ Նրա ձեռքում են կենտրոնանում գնումներն ու վաճառքները, մի հանգամանք, որի հետևանքով առուծախը դադարում է գնորդի (որպես վաճառականի) անմիջական պահանջմունքի հետո շաղկապված լինելուց։
Բայց հասարակական ինչ կազմակերպություն էլ որ ունենան արտադրության այն ոլորտները, որոնց ապրանքային փոխանակությանն սպասավորում է վաճառականը, նրա կարողությունը միշտ գոյություն ունի իբրև փողային կարողություն, և նրա փողը միշտ գործում է իբրև կապիտալ։ Այս կապիտալի ձևը միշտ Փ—Ա—Փ´-ն է. փողը, փոխանակային արժեքի ինքնուրույն ձևը՝ ելակետն է, իսկ փոխանակային արժեքի մեծացումը՝ ինքնուրույն նպատակը։ Ինքն ապրանքային փոխանակությունն ու սրան սպասավորող գործառնությունները — որոնք արտադրությունից անջատված են ու կատարվում են ոչ-արտադբողների ձեռքով — սոսկական միջոց են հանդիսանում մեծացնելու ոչ թե լոկ հարստությունը, այլ հարստությունն իր ընդհանրական հասարակական ձևով, իբրև փոխանակային արժեք։ Մղիչ դրդապատճառն ու որոշիչ նպատակն այն է, որ Փ-ն դարձնեն Փ + ΔՓ. ընդորում Փ—Ա ու Ա—Փ´ ակտերը, որոնք սպասավորում են Փ—Փ´ ակտը, երևան են գալիս իբրև Փ-ն այսպիսով Փ + ΔՓ դարձնելու, սոսկ անցումնային մոմենտներ։ Այս Փ—Ա—Փ´-ն, իբրև վաճառականական կապիտալի բնորոշ շարժում, այս շարժումը տարբերում է Ա—Փ—Ա-ից, բուն իսկ արտադրողների միջև կատարվող ապրանքային առևտրից, որի վերջնական նպատակը սպառողական արժեքների փոխանակությունն է։
Ուստի որքան ավելի քիչ է զարգացած արտադրությունը, այնքան փողային կարողությունն ավելի է համակենտրոնանում վաճառականների ձեռքում կամ այնքան ավելի է երևան գալիս իբրև վաճառականական կարողության մասնահատուկ ձև։
Արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում — այսինքն երբ կապիտալը տիրանում է բուն իսկ արտադրությանը և սրան մի լիովին փոխված ու մասնահատուկ ձև է տալիս,— վաճառականական կապիտալը երևան է գալիս լոկ իբրև մի '''առանձնահատուկ''' ֆունկցիա ունեցող կապիտալ։ Արտադրության նախորդ բոլոր եղանակների ժամանակ — և այնքան ավելի, որքան ավելի է արտադրությունը հանդիսանում արտադրողների կենսամիջոցների անմիջական արտադրություն — վաճառականական կապիտալը ներկայանում է իբրև կապիտալի ֆունկցիա par excellence [գերազանցորեն]։
Այսպիսով ուրեմն, դժվար չէ բոլորովին հասկանալ, թե ինչու վաճառականական կապիտալը հանդես է դալիս իբրև կապիտալի պատմական ձև շատ ավելի վաղ, քան կապիտալն իրեն է ենթարկած լինում բուն իսկ արտադրությունը։ Վաճառականական կապիտալի գոյությունն ու մինչև մի որոշ բարձրության հասնող զարգացումն ինքը պատմական նախադրյալ է արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման համար 1) իբրև փողային կարողության համակենտրոնացման նախապայման ու 2) որովհետև արտադրության կապիտալիստական եղանակը ենթադրում է արտադրություն առևտրի համար, վաճառահանություն խոշոր չափերով ու ոչ թե վաճառում առանձին հաճախորդին, ուրեմն ենթադրում է նաև այնպիսի վաճառական, որը գնում է ոչ թե իր անհատական պահանջմունքի բավարարման համար, այլ շատերի գնման ակտերը համակենտրոնացնում է իր գնման ակտի մեջ։ Մյուս կողմից — վաճառականական կապիտալի ամբողջ զարգացումը ներգործում է այն իմաստով, որ արտադրությանն ավելի ու ավելի մեծ չափով հանուն փոխանակային արժեքի կատարվող արտադրության բնույթ է տալիս, արդյունքներն ավելի ու ավելի է ապրանքների փոխարկում։ Սակայն, ինչպես մենք շուտով դեռ կտեսնենք ներքևում, նրա զարգացումն ինքնըստինքյան բավական չի՝ արտադրության մի եղանակի անցումը մի ուրիշ եղանակի իրագործելու ու բացատրելու համար։
Կապիտալիստական արտադրության պայմաններում վաճառականական կապիտալն իր նախկին ինքնուրույն գոյությունից իջեցվում և փոխարկվում է ընդհանրապես կապիտալի գործադրման մի առանձնահատուկ մոմենտի, իսկ շահույթների հավասարեցումը նրա շահույթի նորման վեր է ածում ընդհանրական միջինի։ Վաճառականական կապիտալը հիմա արդեն գործում է իբրև արտադրողական կապիտալի գործակալ միայն։ Վաճառականական կապիտալի զարգացման հետ գոյացող հասարակական հատուկ հարաբերություններն այստեղ այլևս որոշիչ նշանակություն չունեն, ընդհակառակը, որտեղ նա տիրող է հանդիսանում, այնտեղ իշխում են հնացած հարաբերությունները։ Այս այսպես է նույնիսկ միևնույն երկրում, որտեղ, օրինակ, զուտ առևտրային քաղաքներն անցյալի հարաբերությունների նկատմամբ շատ ավելի նմանություն են պահպանում, քան գործարանային քաղաքները<ref>Պարոն Վ. Կիսսելբախը („Der Gang des Welthandels etc. im Mittelalter” [Stuttgart] 1860) իրոք դեռ ապրում է մի այնպիսի աշխարհի պատկերացումներով, որտեղ վաճառականական կապիտալն ընդհանրապես կապիտալի ձևն է։ Արդիական իմաստով կապիտալի մասին նա ամենափոքր հասկացողություն չունի, ինչպես չունի և պարոն Մոմզենը, երբ սա իր «Հռոմի պատմության» մեջ խոսում է «կապիտալի» մասին ու կապիտալի տիրապետության մասին։» Անգլիայի նորագույն պատմության մեջ բուն առևտրային դասն ու առևտրային քաղաքները քաղաքականապես էլ ետադիմական դերով են հանդես գալիս, դաշնակցած հողային արիստոկրատիայի ու ֆինանսական արիստոկրատիայի հետ ընդդեմ արդյունաբերական կապիտալի։ Համեմատեցեք, օրինակ, Լիվերպուլի քաղաքական դերը Մանչեստրի ու Բիրմինգհամի դերի հետ։ Արդյունաբերական կապիտալի լիակատար տիրապետությունն անգլիական վաճառականական կապիտալի ու ֆինանսական արիստոկրատիայի (monyed interest) կողմից ճանաչվել է հացահատիկային և այլ մաքսերը վերացնելուց հետո միայն։</ref>։
Կապիտալի, իբրև վաճառականական կապիտալի, ինքնուրույն ու գերակշռող զարգացումը նշանակում է, որ արտադրությունը դեռ կապիտալին չի ենթարկված, համազոր է ուրեմն կապիտալի մի այնպիսի զարգացմանը, որը կատարվում է արտադրության հասարակական մի ձևի պատվանդանի վրա, որը նրան օտար ու նրանից անկախ է։ Հետևաբար վաճառականական կապիտալի ինքնուրույն զարգացումը հակառակ հարաբերական է հասարակության տնտեսական ընդհանրական զարգացման նկատմամբ։
Վաճառականի ինքնուրույն կարողությունը, իբրև կապիտալի տիրապետող ձև, ներկայացնում է շրջանառության պրոցեսի անջատումը նրա ծայրաթևերի հանդեպ, իսկ այս ծայրաթևերը՝ հենց իրենք փոխանակություն անող արտադրողներն են։ Այս ծայրաթևերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը շրջանառության պրոցեսի հանդեպ, իսկ այս պրոցեսն էլ՝ նրանց հանդեպ։ Արդյունքն այստեղ առևտրի շնորհիվ է ապրանք դառնում։ Այստեղ առևտուրն է, որ արդյունքները կերպարանափոխելով ապրանքների է փոխարկում, և ոչ թե արտադրված ապրանքն է, որի շարժումն առևտուր է գոյացնում։ Հետևաբար կապիտալն այստեղ սկզբնապես շրջանառության պրոցեսում է հրապարակ գալիս իբրև կապիտալ։ Շրջանառության պրոցեսում է փողը զարգանալով կապիտալի փոխարկվում։ Շրջանառության մեջ է արդյունքն սկզբնապես զարգանում իբրև փոխանակային արժեք, իբրև ապրանք ու փող։ Կապիտալը կարող է շրջանառության պրոցեսում գոյանալ և պետք է նրա մեջ գոյանա՝ նախքան ընդունակ կդառնա իրեն ենթարկելու նրա ծայրաթևերը, արտադրության այն տարբեր ոլորտները, որոնց միջև կատարվող շրջանառությունը նա սպասավորում է։ Փողի ու ապրանքի շրջանառությունը կարող է սպասավորել արտադրության ամենատարբեր կազմակերպություն ունեցող ոլորտներ, որոնք իրենց ներքին կառուցվածքի համաձայն դեռ գլխավորապես սպառողական արժեքի արտադրությամբ են զբաղված։ Շրջանառության պրոցեսի այս անջատումը, որի պայմաններում արտադրության ոլորտները միմյանց հետ շաղկապվում են մի երրորդ անդամի միջոցով, երկակի պարագա է արտահայտում։ Առաջին՝ այն, որ շրջանառությունը դեռ չի տիրացել արտադրությանը, այլ նրան հարաբերում է, իբրև դրսից արված նախադրյալի։ Երկրորդ՝ այն, որ արտադրության պրոցեսը դեռ իր մեջ չի ընդգրկել շրջանառությունն իբրև իր մի սոսկական մոմենտը։ կապիտալիստական արտադրության մեջ, ընդհակառակը, այս երկու պայմանն էլ իրացվում են։ Արտադրության պրոցեսն ամբողջովին հիմնվում է շրջանառության վրա, իսկ շրջանառությունը ներկայացնում է արտադրության մի սոսկական մոմենտը, նրա անցումնական մի փուլը, իբրև ապրանք արտադրված արդյունքի լոկ իրացումն ու արտադրության տարրերի փոխհատուցումը, տարրերի, որոնք արտադրվում են իբրև ապրանքներ։ Անմիջաբար շրջանառությունից ծագող կապիտալի ձևը — առևտրային կապիտալը — այստեղ արդեն հանդես է գալիս իբրև կապիտալի ձևերից մեկը սրա վերարտադրության շարժման շղթայում։
Այն, օրենքը, թե վաճառականական կապիտալի ինքն ուրույն զարգացումը հակառակ հարաբերության մեջ է գտնվում կապիտալիստական արտադրության զարգացման աստիճանի նկատմամբ, ամենից պարզ ձևով երևան է գալիս միջնորդական առևտրի (carrying trade) պատմության մեջ, ինչպես, օրինակ, վենետիկցիների, ճենովացիների, հոլանդացիների և այլոց մոտ, այնտեղ ուրեմն, որտեղ գլխավոր օգուտը ձեռք է բերվում ոչ թե սեփական երկրի արդյունքներն արտահանելով, այլ առևտրապես ու ընդհանուր առմամբ տնտեսապես անզարգացած հասարակությունների արդյունքների փոխանակությունը միջնորդագործելով ու արտադրող երկու երկիրն էլ շահագործելով<ref>«Առևտրային քաղաքների բնակիչներն ավելի հարուստ երկրներից արտահանում էին մանուֆակտուրային նուրբ ապրանքներ ու պերճանքի թանկագին առարկաներ և այսպիսով սնունդ էին մատակարարում խոշոր հողատերերի սնափառությանը, որոնք անհագորեն գնում էին այս ապրանքները և սրանց դիմաց վճարում իրենց հողերի հում արդյունքի խոշոր քանակներ։ Այսպիսով Եվրոպայի մի խոշոր մասի առևտուրն այս ժամանակ այն էր, որ մի երկրի հում արդյունքը փոխանակվում էր արդյունաբերության ասպարեզում առաջադիմած մի այլ երկրի մանուֆակտուրային արդյունքների հետ։ Երբ այս ճաշակն ընդհանրականացավ և մի զգալի պահանջարկ առաջ բերեց, վաճառականները, փոխադրածախքերը անտեսելու նպատակով, սկսեցին իրենց սեփական երկրներում հիմնել նման մանուֆակտուրաներ»։ (A. Smith [„Wealth of Nations”], գիրք III, գլ. III [Ад. Смит: „О богатстве народов”, 1935, հատ. I, էջ 343]։</ref>։ Այստեղ վաճառականական կապիտալը զուտ կերպարանք ունի, անջատված է ծայրաթևերից, արտադրության այն, ոլորտներից, որոնց միջև նա միջնորդի դեր է կատարում։ Այս նրա գոյացման գլխավոր աղբյուրն է։ Բայց միջնորդական առևտրի այս մոնոպոլիան ու սրա հետ էլ հենց այս առևտուրն ինքը քայքայվում են նույն այն հարաբերությամբ, որով առաջադիմում է այն ժողովուրդների տնտեսական զարգացումը, որոնց նա շահագործում էր երկու կողմից և որոնց անզարգացածությունը նրա գոյության պատվանդանն էր։ Միջնորդական առևտրի նկատմամբ այս երևան է գալիս ոչ միայն իբրև մի առանձին առևտրաճյուղի անկում, այլև իբրև զուտ առևտրային ժողովուրդների գերակշռության ու ընդհանրապես նրանց առևտրային հարստության, որը հիմնվում էր այս միջնորդական առևտրի պատվանդանի վրա։ Այս լոկ մի հատուկ ձև է, որով կապիտալիստական արտադրության զարգացման ընթացքում արտահայտվում է առևտրային կապիտալի ենթարկումն արդյունաբերական կապիտալին։ Սակայն թե վաճառականական կապիտալն ինչպես է վարում իր տնտեսությունն այնտեղ, որտեղ նա ուղղակի տիրանում է արտադրությանը, նրա այս գործելակերպի մասին ակնառու օրինակ է ընձեռում ոչ միայն գաղութային տնտեսությունն ընդհանրապես (այսպես կոչված գաղութային սիստեմը), այլ հատկապես հին հոլանդական-արևելահնդկական ընկերության տնտեսությունը։
Որովհետև վաճառականական կապիտալի շարժումը Փ—Ա—Փ´-ն է, ուստի վաճառականի շահույթը ձեռք է բերվում առաջին՝ այն ակտերի միջոցով, որոնք լոկ շրջանառության պրոցեսի ներսում են կատարվում, ուրեմն ձեռք է բերվում առքի ու վաճառքի երկու ակտում, և երկրորդ՝ այս շահույթն իրացվում է վերջին ակտում, վաճառքի ժամանակ։ Հետևաբար նա օտարացումից բխող շահույթ է, profit upon alienation։ Զուտ, անկախ առևտրային շահույթը prima facie [առաջին հայացքից] անհնարին է թվում, քանի դեռ արդյունքները ծախվում են իրենց արժեքներով։ Առևտրի օրենքն է էժան գնել՝ ավելի թանկ ծախելու համար։ Ուրեմն ո՛չ էկվիվալենտների փոխանակություն։ Արժեքի գաղափարն այստեղ այն չափով է պարփակված, որչափով որ տարբեր ապրանքները բոլորն էլ արժեք ու հետևաբար փող են, ըստ որակի՝ հավասարապես հասարակական աշխատանքի արտահայտություններ։ Բայց նրանք հավասար արժեքային, մեծություններ չեն։ Այն քանակային հարաբերությունը, որով փոխանակվում են արդյունքները, սկզբնապես պատահական, է միանգամայն։ Նրանք ապրանքային ձև են ընդունում, որովհետև ընդհանրապես փոխանակելի են. այսինքն, որովհետև միևնույն երրորդ մեծության արտահայտություններ են։ Շարունակական փոխանակությունն ու փոխանակության համար նախանշված ավելի կանոնավոր վերարտադրությունն ավելի ու ավելի են վերացնում այս պատահականությունը։ Բայց սկզբում վերացնում են ոչ թե արտադրողների ու սպառորդների համար, այլ այս երկուսի միջնորդի, վաճառականի համար, որը համեմատում է փողային գները և տարբերությունը դնում իր գրպանը։ Հենց իր շարժման միջոցով նա էկվիվալենտայնություն է սահմանում։
Առևտրային կապիտալն սկզբում լոկ միջնորդագործող շարժում է երկու ծայրաթևերի միջև, որոնց նա չի տիրացել, ու նախադրյալների միջև, որ նա չի ստեղծել։
Ինչպես որ ապրանքային շրջանառության սոսկական ձևից, Ա—Փ—Ա-ից, առաջ է գալիս փողը ոչ միայն իբրև արժեքի չափ ու շրջանառության միջոց, այլև իբրև ապրանքի ու ընդսմին հարստության բացարձակ ձև, իբրև գանձ, և նրա — իբրև փողի — պահումն ու աճումն ինքնանպատակ է դառնում, այնպես էլ վաճառականական կապիտալի շրջանառության սոսկական ձևից, Փ—Ա—Փ´-ից, զարգանում է փողը, գանձն իբրև մի ինչ-որ բան, որը պահպանվում և աճում է սոսկ օտարացման միջոցով։
Հնադարի առևտրական ժողովուրդներն ապրում էին այնպես, ինչպես Էպիկուրի աստվածները տիեզերքի միջմոլորակային տարածությունների մեջ, կամ, ավելի շուտ, ինչպես հրեաները լեհական հասարակության ծակոտիներում։ Ինքնուրույն, փառահեղ կերպով զարգացած անդրանիկ առևտրային քաղաքների ու առևտրային ժողովուրդների առևտուրը, իբրև զուտ միջնորդական առևտուր, հիմնվում էր արտադրող ժողովուրդների բարբարոսության վրա, որոնց միջև նրանք միջնորդի դեր էին խաղում։
Կապիտալիստական հասարակության նախապատրաստական աստիճանների վրա առևտուրն է իշխում արտադրության վրա. արդի հասարակության մեջ՝ ընդհակառակը։ Առևտուրն, իհարկե, ավելի կամ պակաս չափով կազդի այն հասարակությունների վրա, որոնց միջև նա վարվում է. նա արտադրությունն ավելի ու ավելի կենթարկի փոխանակային արժեքին, որովհետև վայելքներն ու սպառումը նա ավելի մեծ չափով կախման մեջ է դնում վաճառքից, քան արդյունքի անմիջական սպառումից։ Սրանով նա քայքայում է հին հարաբերությունները։ Նա ընդարձակում է փողային շրջանառությունը։ Նա այժմ արդեն աչ միայն արտադրության հավելույթն է ընդգրկում, այլ և աստիճանաբար կլանում է բուն իսկ այս արտադրությունը և ամբողջ արտադրության ճյուղեր կախման մեջ է դնում իրենից։ Սակայն այս քայքայող ներգործությունը մեծապես կախված է արտադրող հասարակության բնությունից։
Քանի դեռ առևտրային կապիտալն անզարգացած հասարակությունների արդյունքների փոխանակության գործում միջնորդի դեր է կատարում, առևարային շահույթը երևան է գալիս ոչ միայն իբրև օգտաշորթում և խաբեբայություն, այլ մեծ մասամբ հենց նրանցից է ծագում։ Մի կողմ թողած այն, որ առևտրային կապիտալն օգտագործում է տարբեր երկրների արտադրության, գների միջև եղած տարբերությունը (և այս գծով նա ներգործում է ապրանքային արժեքների հավասարեցման ու հաստատման վրա), արտադրության հիշյալ եղանակներն այն հետևանքին են հասցնում, որ վաճառականական կապիտալը յուրացնում է հավելյալ արդյունքի մի գերակշռող բաժինը մասամբ իբրև այն համայնքների արանքը խցկվող միջնորդ, որոնց արտադրությունն էապես ուղղված է դեռ սպառողական արժեքի կողմը և որոնց տնտեսական կազմակերպության համար ստորադաս նշանակություն ունի արդյունքների ընդհանրապես շրջանառության մեջ մտնող մասի վաճառքը, ուրեմն ընդհանրապես արդյունքների վաճառքն իրենց արժեքով, մասամբ էլ այն պատճառով, որ արտադրության հիշյալ նախկին եղանակների ժամանակ հավելյալ արդյունքի գլխավոր տերերը, որոնց հետ գործ է ունենում վաճառականը, այսինքն ստրկատերը, ֆեոդալ հողատերը, պետությունը (օրինակ, արևելյան բռնակալը) ներկայացնում են վայելող հարստությունը, որին թակարդ է սարքում վաճառականը, ինչպես արդեն Ա. Սմիթն է ֆեոդալական ժամանակի վերաբերմամբ ճիշտ կռահել վերը բերած ցիտատում։ Այսպիսով ուրեմն, իր գերակշռող տիրապետության ժամանակ առևտրային կապիտալն ամենուրեք ներկայացնում է կողոպուտի մի սիստեմ<ref>«Հիմա վաճառականների մեջ մեծ տրտունջ կա ազնվականների կամ ավազակների վերաբերմամբ, թե իրենք ստիպված են մեծ վտանգի ենթակա վիճակում առևտուր անելու, և որ բացի սրանից իրենց բռնում են, սպանում, հարկում և կողոպտում։ Բայց եթե նրանք այս բոլորը կրեին արդարության սիրուն, ապա վաճառականներն անշուշտ սուրբ մարդիկ կլինեին... Սակայն որովհետև վաճառականների կողմից այսպիսի մեծ անիրավություն ու ոչ-քրիստոնեական գողություն կատարվում է ամբողջ աշխարհով մեկ ու նույն իսկ միմյանց վերաբերմամբ, ապա ի՞նչ զարմանք, որ աստված այնպես է տնօրինում, որ անիրավությամբ ձեռք բերված այսքան մեծ հարստությունը նորից կորստի է մատնվում ու կողոպտվում, և միաժամանակ նրանց իրենց էլ ծեծում, կոտորում կամ թե գերի են բռնում... Եվ արժանի է, որ իշխաններն այսպիսի անիրավ առևտուրն օրինական իշխանությամբ պատժեն և հսկեն, որ իրենց հպատակներին այսքան անխիղճ չթալանեին վաճառականները։ Բայց որովհետև նրանք այս չեն անում, ապա աստված գործի է դնում ասպետներին ու ավազակներին և սրանց ձեռքով պատժում վաճառականների անիրավությունը, և ասպետներն ու ավազակները պետք է դառնան նրա դևերը, ճիշտ այնպես, ինչպես որ նա եգիպտացոց երկիրն ու ամբողջ աշխարհը տանջում է դևերի ձեռքով կամ թե փչացնում թշնամիների միջոցով։ Այսպիսով նա մի սրիկայի ձեռքով ոչնչացնում է մյուսին և հենց սրանով էլ հասկանալ է տալիս, որ ասպետներն ավելի պստիկ ավազակներ են, քան վաճառականները որովհետև վաճառականներն ամեն օր են կողոպտում բովանդակ աշխարհը, այնինչ մի ասպետ տարվա մեջ մի անգամ կամ թե երկու անգամ է կողոպտում մեկին կամ երկուսին»։— «Կատարվում է Եսայու ասածի համաձայն. քո իշխանները գողերի ընկերներ են դարձել։ Որովհետև նրանք կախում են այն գողերին, որոնք մի գուլդեն կամ թե կես գուլդեն են գողացել, և բարեկամական կապեր են հաստատում այնպիսիների հետ, որոնք ամբողջ աշխարհն են կողոպտում և ավելի աներկյուղ են գողանում, քան բոլոր մյուսները, որպեսզի ճշտվի այն առածը, թե մեծ գողերը կախում են փոքր գողերին, և ինչպես Հռովմի սենատոր Կատոնն էր ասում՝— հասարակ գողերը նստած են բանտերում ու կապանքների են զարկված, իսկ հասարակական գողերը ճեմում են ոսկով և մետաքսով զարդարված։ Բայց վերջիվերջո ի՞նչ կասի Աստված սրան։ Նա կանի այն, ինչ որ ասել է Եզեկիելին. իշխաններին ու վաճառականներին, մի գողին, ու մյուս գողին, նա կհալի միասին արճճի ու պղնձի նման, այնպես որ ոչ իշխաններ կմնան ու ոչ էլ վաճառականներ, ինչպես այդ տեղի կանենար մի քաղաք այրվելուց, մոխրանալուց հետո»։ (Martin Luter: „Von Kauffshandlung und Wucher”, Wittenberg, 1524 [Luthers Werke, Wittenberg, 1589, VI Teil, S. 296 f.]։</ref>, ինչպես և հենց նրա զարգացումը, հին ու նոր դարերի առևտրական ժողովուրդների մոտ, ուղղակի շաղկապված է բռնի կողոպուտի, ծովահենության, ստրուկների առևանգման, գաղութների ստրկացման հետ. այսպես է եղել Կարթագենում, Հռոմում, հետագայում էլ վենետիկցիների, պորտուգալցիների, հոլանդացիների և այլոց մոտ։
Առևտրի ու առևտրային կապիտալի զարգացումն ամենուրեք ուժեղացնում է արտադրությունը փոխանակային արժեքի ուղղությամբ, մեծացնում է նրա ծավալը, նրա մեջ բազմատեսակություն է մտցնում և նրան կոսմոպոլիտական բնույթ է տալիս, փողը զարգացնելով փոխարկում է համաշխարհային փողի։ Ուստի առևտուրն ամեն տեղ ավելի կամ պակաս չափով քայքայիչ ներգործություն է ունենում արտադրության այն կազմակերպությունների վրա, որոնք գոյություն են ունեցել մինչև նրա առաջացումը և որոնք իրենց բոլոր տարբեր ձևերով գլխավորապես սպառողական արժեք արտադրելու կողմն են ուղղված։ Բայց թե նա որքան հեռու է տանում արտադրության հին եղանակի քայքայումը, այս ամենից առաջ կախված է այդ եղանակի ամրությունից ու ներքին կազմությունից։ Իսկ թե քայքայման այս պրոցեսն ինչի է հանգում, այսինքն արտադրության ի՞նչ նոր եղանակ է հնի տեղը բռնում, այս կախված է ոչ թե առևտրից, այլ արտադրության բուն իսկ հին եղանակի բնույթից։ Անտիկ աշխարհում առևտրի ներգործության ու վաճառականական կապիտալի զարգացման հետևանքը լինում է միշտ ստրկատիրական տնտեսությունը. նայած ելակետին՝ երբեմն էլ հետևանքը լինում է լոկ այն, որ անմիջապես դեպի սպառման միջոցների արտադրությունն ուղղված նահապետական ստրկատիրական մի սիստեմ փոխարկվում է դեպի հավելյալ արժեքի արտադրությունն ուղղված ստրկատիրական սիստեմի։ Արդի աշխարհում, ընդհակառակը, այն հանգում է արտադրության կապիտալիստական եղանակին։ Սրանից հետևում է, որ իրենք այս հետևանքները դեռ բոլորովին այլ հանգամանքներով էլ են պայմանավորված, քան առևտրային կապիտալի զարգացումն է։
Գործի բնությունից է բխում այն, որ երբ քաղաքային արդյունաբերությունն իբրև այսպիսին անջատվում է հողագործականից, նրա արդյունքները հենց այն, գլխից երևան են գալիս իբրև ապրանքներ, և ուրեմն նրանց վաճառքի համար առևտրի միջնորդության պահանջ է զգացվում։ Ըստ այնմ առևտրի հենվելը քաղաքի զարգացման վրա ու մյուս կողմից վերջինիս պայմանավորվածությունն առևտրով այստեղ հասկանալի են ինքնըստինքյան։ Սակայն այստեղ այլ պարագաներից է ամբողջապես կախված այն, թե որչափով է արդյունաբերական զարգացումը ձեռք-ձեռքի տված ընթանում նրա հետ։ Հին Հռոմը ռեսպուբլիկական շրջանի վերջերում արդեն վաճառականական կապիտալը զարգացնելով ավելի բարձր աստիճանի է հասցնում, քան առաջ երբևէ հասել էր նա հին աշխարհում, սակայն առանց որևէ առաջադիմության արդյունաբերական զարգացման բնագավառում. այնինչ Կորնթոսում, ինչպես և Եվրոպայի ու Ասիայի, հունական այլ քաղաքներում, առևտրի զարգացմանն ուղեկից էր մեծապես զարգացած արհեստագործությունը։ Մյուս կողմից, քաղաքի զարգացման ու սրա պայմանների նկատմամբ ճիշտ հակադրություն կազմելով՝ առևտրային ոգին ու առևտրային կապիտալի զարգացումը հաճախ հատուկ են հենց ոչ-նստակյաց, նոմադ [քոչվոր] ժողովուրդներին։
Ոչ մի կասկած չկա — և հենց այս իրողությունը միանգամայն սխալ հայացքներ առաջացրեց — որ 16 ու 17-րդ դարերի այն մեծ ռևոլուցիաները, որոնք աշխարհագրական հայտնագործությունների հետևանքով տեղի ունեցան առևտրի մեջ և արագորեն առաջ մղեցին վաճառականական կապիտալի զարգացումը, այն գլխավոր մոմենտներից մեկն են կազմում, որոնք զարկ տվին արտադրության ֆեոդալական եղանակից կապիտալիստականին անցնելու գործին։ Համաշխարհային շուկայի հանկարծակի ընդարձակումը, շրջանառու ապրանքների բազմապատկվելը, ասիական արդյունքներին ու ամերիկյան գանձերին տիրանալու նպատակով եվրոպական ազգերի միջև տեղի ունեցած մրցակցությունը, գաղութային սիստեմն էապես նպաստում էին արտադրության, ֆեոդալական պատնեշները խորտակելուն։ Սակայն արտադրության արդի եղանակն իր գոյության առաջին շրջանում, մանուֆակտուրային շրջանում, լոկ այնտեղ էր զարգանում, որտեղ սրա համար պայմաններն ստեղծվել էին միջնադարում։ Համեմատեցեք, օրինակ, Հոլանդիան Փորթուգալիայի հետ<ref>Թե Հոլանդիայի զարգացման համար, մյուս հանգամանքները մի կողմ թողած, որքան գերակշռող նշանակություն ուներ ձկնորսության, մանուֆակտուրայի ու երկրագործության մեջ դրված պատվանդանը, այս արդեն լուսաբանել են 18-րդ դարի հեղինակները։ Տես, օրինակ, Մեսսիի մոտ։ Ի հակադրություն նախկին հայացքի, որը թերագնահատում էր ասիական,յ անտիկ ու միջնադարյան առևտուրը, հիմա մոդա է դարձել այն արտակարգորեն գերագնահատելը։ Այս պատկերացումից ազատագրվելու լավագույն միջոցն է՝ քննության առնել 18-րդ դարի սկիզբների անգլիական արտահանությունն ու ներմուծումը և այն առադրել այսօրվանի հետ։ Եվ այնուամենայնիվ այդ առևտուրն անհամեմատ ավելի մեծ էր, քան նախկին որևէ առետրային ժողովրդի մոտ։ (Տե՛ս A. Anderson: „History of Commerce” [London, 1754, հատ. II, էջ 261 և հաջ.])։</ref>։ Իսկ եթե 16 ու մասամբ էլ դեռ 17-րդ դարերում առևտրի հանկարծակի ընդարձակումն ու համաշխարհային նոր շուկայի ստեղծումը գերակշռող ազդեցություն ունեցան հնի տապալման վրա ու արտադրության կապիտալիստական եղանակի վերելքի վրա, ապա այս տեղի էր ունենում, ընդհակառակնը, արտադրության արդեն ստեղծված կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա։ Համաշխարհային շուկան ինքն արտադրության այս եղանակի պատվանդանն է կազմում։ Մյուս կողմից՝ միշտ ավելի մեծ մասշտաբով արտադրելու անհրաժեշտությունը, որ ներհատուկ է արտադրության կապիտալիստական եղանակին, մղում է դեպի համաշխարհային շուկայի մշտական ընդարձակումը, այնպես որ այստեղ ոչ թե առևտուրն է ռևոլուցիոնականացնում արդյունաբերությունը, այլ միշտ արդյունաբերությունն է ռևոլուցիոնականացնում առևտուրը։ Եվ առևտրի տիրապետությունը հիմա արդեն շաղկապված է խոշոր արդյունաբերության գոյության պայմանների ավելի մեծ կամ թե ավելի փոքր գերակշռության հետ։ Համեմատեցեք, օրինակ, Անգլիան ու Հոլանդիան։ Հոլանդիայի, իբրև տիրապետող առևտրական ազգի, անկման պատմությունը պատմություն է այն մասին, թե ինչպես առևտրական կապիտալն արդյունաբերական կապիտալին ենթարկվեց։ Այն արգելքները, որ արտադրության մինչկապիտալիստական ազգային եղանակների ներքին ամրությունն ու կազմությունը դնում են առևտրի քայքայիչ ներգործության հանդեպ, ակնբախ երևան են գալիս Հնդկաստանի ու Չինաստանի հետ անգլիացիների ունեցած հարաբերության մեջ։ Արտադրության եղանակի լայն պատվանդանն այստեղ գոյացել է մանր հողագործության ու տնային արդյունաբերության միասնության հետեւանքով, ընդորում Հնդկաստանում սրան դեռ ավելանում է հողի համայնական սեփականության վրա հիմնված գյուղական համայնքների ձևը, որը, սակայն, Չինասատնում էլ սկզբնական ձևն է եղել։ Հնդկաստանում անգլիացիներն իսկույն ևեթ իրենց անմիջական քաղաքական ու տնտեսական զորությունը, իբրև իշխողներ ու հողային ռենտայի տերեր կիրառվեցին այն նպատակով, որ այս մանր տնտեսական համայնքները կործանեն<ref>Եթե կա մի ժողովուրդ, որի պատմությունն անհաջող ու իսկապես անհեթեթ (գործնականում ամոթալի) տնտեսական փորձառքների մի պատմություն է ներկայացնում, ապա այս անգլիացիների Հնդկաստանում վարած տնտեսության պատմությունն է։ Բենգալիայում նրանք ստեղծեցին անգլիական խոշոր հողատիրության մի ծաղրանկար, հարավ-արևելյան Հնդկաստանում՝ հողաճոթային [պարցելային] սեփականության մի ծաղրանկար, հյուսիս-արևմուտքում, որչափով այս կախված էր նրանցից, նրանք հողի համայնական սեփականություն ունեցող հնդկական տնտեսական համայնքը հենց սրա մի ծաղրանկարը դարձրին։</ref>։ Այստեղ նրանց առևտուրն արտադրության եղանակի վրա ռևոլուցիոն ձևով է ներգործում այնչափով միայն, որչափով որ նրանք իրենց ապրանքների ցած գների միջոցով ոչնչացնում են մանածագործությունն ու ջուլհակությունը, որ արդյունաբերական-հողագործական արտադրության այս միասնության հնամենի ինտեգրալ [անքակտորեն կապված] մասն է կազմում, և այսպիսով պայթեցնում են համայնքը։ Բայց նույնիսկ այստեղ քայքայման այս գործը նրանց միմիայն շատ դանդաղ է հաջողվում։ Այս ավելի քիչ է հաջողվում Չինաստանում, որտեղ անմիջական քաղաքական իշխանությունը նրանց օգնության չի գալիս։ Այն մեծ տնտեսումն ու ժամանակի խնայողությունը, որոնք առաջ են գալիս հողագործության ու մանուֆակտուրայի անմիջական շաղկապումից, այստեղ ամենահամառ դիմադրություն են ցույց տալիս խոշոր արդյունաբերության արդյունքներին, որոնց գնի մեջ մտնում են ամենուրեք նրանց հետ շուլալվող շրջանառության պրոցեսի faux frais-ները [անարտադրողական ծախքերը]։ Անգլիական առևտրի նկատմամբ հակադրություն կազմելով, ռուսական առևտուրը, ընդհակառակը, կանգուն է թողնում ասիական արտադրության տնտեսական հիմքը<ref>Այս էլ է սկսում փոխվել այն ժամանակվանից դեսը, երբ Ռուսաստանը ջղաձգական ջանքեր է անում զարգացնելու սեփական կապիտալիստական մի արտադրություն, որը նախանշված է բացառապես ներքին ու սահմանամերձ ասիական շուկայի համար։— Ֆ. Է.։</ref>։
Արտադրության, ֆեոդալական եղանակից դեպի նորը կատարվող անցումը տեղի է ունենում երկակի ձևով։ Հողագործական նատուրալ տնտեսության նկատմամբ ու միջնադարյան քաղաքային արդյունաբերության համքարապես կաշկանդված արհեստի նկատմամբ հակադրություն կազմելով՝ արտադրողը վաճառական ու կապիտալիստ է դառնում։ Այս իրոք ռևոլուցիոնականացնող Ճանապարհ է։ Կամ թե վաճառականն անմիջաբար իրեն է ենթարկում արտադրությունը։ Վերջին ճանապարհը, իբրև անցման մի փուլ, պատմականորեն որքան էլ ուժեղ է ներգործում — ինչպես, օրինակ, 17-րդ դարի անգլիական Clothier-ը [մահուդագործը], որն իր վերահսկողությանն է ենթարկում ջուլհակներին, որոնք, սակայն, շարունակում են պահպանել իրենց ինքնուրույնությունը, բուրդ է ծախում նրանց և գնում է նրանց ամբողջ մահուդը,— այնուամենայնիվ ինքնըստինքյան նա չի հասցնում արտադրության հին եղանակի հեղաշրջման, եղանակի, որ նա ավելի շուտ պահածույում է և պահում իբրև իր նախադրյալ։ Այսպես, օրինակ, դեռ մինչև 19-րդ գարի կեսերը ֆրանսիական մետաքսի արդյունաբերության, անգլիական գուլպայեղենի արդյունաբերության ու ժանյակի արդյունաբերության մեջ գործարանատերը մեծ մասամբ լոկ անունով էր գործարանատեր, իրականում սոսկ վաճառական էր, որը ջուլհակներին թողնում էր, որ հին բաժան-բաժան եղանակով բանեն, և նրանց վրա իշխում էր լոկ որպես վաճառական, որի համար նրանք փաստորեն աշխատում էին<ref>Միևնույնը վերաբերում էր Հռենոսյան ժապավենագործությանն ու տրեզագործությանը և մետաքսագործությանը։ Կրեֆելդի մոտ նույնիսկ մի հատուկ երկաթուղի էր կառուցվել, որ այս գյուղական ձեռագործ ջուլհակները հաղորդակցություն ունենան քաղաքի «գործարանատերերի» հետ, բայց հետագայում մեքենական մանածագարծությունը ձեռագործ ջուլհակների հետ հիշյալ երկաթուղին էլ պարապության մատնեց։— Ֆ. Է.։</ref>։ Իրերի այս դրությունն ամենուրեք խոչընդոտ է հանդիսանում արտադրության իսկական կապիտալիստական եղանակի ճանապարհին և կործանվում է նրա զարգացման հետ զուգընթաց։ Արտադրության եղանակը չհեղաշրջելով՝ նա լոկ վատացնում է անմիջական արտադրողների դրությունը, նրանց դարձնում է սոսկական վարձու բանվորներ ու պրոլետարներ ավելի վատ պայմաններում, քան ուղղակի կապիտալին ստորադրվածների պայմաններն են, և նրանց հավելյալ աշխատանքը յուրացնում է այնպիսի մեթոդներով, որոնք արտադրության հին եղանակի պատվանդանի հետ են կապված։ Մի քիչ կերպափոխված՝ միևնույն հարաբերությունը գոյություն ունի Լոնդոնում, իբրև արհեստ վարվող կահագործության մի մասի մեջ։ Հատկապես Թաուեր Հեմլետս-ում այս կահագործությունը վարվում է շատ լայնածավալ չափերով։ Ամբողջ արտադրությունը բաժանված է բազմաթիվ ու միմյանցից անկախ ձեռնարկաճյուղերի։ Մի ձեռնարկությունը լոկ աթոռներ է պատրաստում, մյուսը՝ սոսկ սեղաններ, երրորդը՝ միմիայն պահարաններ, և այլն։ Բայց իրենք այս ձեռնարկություններն ավելի կամ պակաս չափով արհեստային եղանակով են վարվում, մի մանր վարպետի ձեռքով՝ փոքրաթիվ ենթավարպետների գործակցությամբ։ Սակայն արտադրությունն այնքան լայն ծավալ ունի, որ անմիջաբար մասնավորների համար աշխատելը բացառվում է։ Այստեղ արդյունքի գնորդները կահավաճառանոցների տերերն են։ Շաբաթ օրը վարպետը գնում է նրանց մոտ և ծախում է իր արդյունքը, ընդորում գնի մասին երկար ծնոտ են թափում ճիշտ այնպես, ինչպես լոմբարդում՝ այս կամ այն, իրի համար տրվելիք կանխավճարի մասին։ Այս վարպետները շաբաթական վաճառքի կարիք ունեն հենց արդեն նրա համար, որ կարողանան հաջորդ շաբաթվա համար դարձյալ հումք գնել ու աշխատավարձ վճարել։ Այս հանգամանքներում նրանք իսկապես լոկ միջնորդ են վաճառականի ու իրենց սեփական բանվորների միջև։ Իսկական կապիտալիստը վաճառականն է, որն իր գրպանն, է դնում հավելյալ արժեքի մեծագույն մասը<ref>Այս սիստեմը 1865 թվականից հետո զարգացել է է՛լ ավելի մեծ չափերով։ Սրա վերաբերմամբ մանրամասնությունները տես հետևյալ հրատարակության մեջ. „First Report of the select Committee of the House of Lords on the Swearing System”, London, 1888։— Ֆ.Է.։</ref>։ Նման երևույթի ենք հանդիպում մանուֆակտուրային այն ճյուղերից անցնելու ժամանակ, որոնք առաջ վարվում էին արհեստային եղանակով կամ թե իբրև գյուղական արդյունաբերության օժանդակ ճյուղեր։ Նայած այն տեխնիկական զարգացմանը, որ ունի այս ինքնուրույն մանր արտադրությունը — որտեղ մինչև անգամ մեքենաներ են կիրառվում, որոնք գործադրելի են արհեստային արտադրության մեջ — պատահում են խոշոր արդյունաբերությանն անցնելու դեպքեր էլ. մեքենան շարժման մեջ է դրվում ձեռքի փոխարեն շոգիով, ինչպես վերջին ժամանակներս այս տեղի է ունենում, օրինակ, Անգլիայում, գուլպաղյեղենի արտադրության մեջ։
Այսպիսով ուրեմն, անցումը կատարվում է երեք ձևով. '''առաջին'''՝ վաճառականն ուղղակի դառնում է արդյունաբերող. այս պատահում է առևտրի վրա հիմնված արհեստի ճյուղերում, հատկապես պերճանքի իրեր արտադրող ճյուղերում, որոնք վաճառականների կողմից ներմուծվում են արտասահմանից հումքի ու բանվորների հետ միասին, ինչպես տասնհինգերորդ դարում Կոստանդնուպոլսից Իտալիա։ '''Երկրորդ'''՝ վաճառականը մանր վարպետներին դարձնում է իր միջնորդները (middlemen) կամ թե ապրանքը գնում է հենց ուղղակի ինքնուրույն արտադրողից. նա սրան անվանապես ինքնուրույն է թողնում և արտադրության սրա եղանակն էլ թողնում է անփոփոխ։ '''Երրորդ'''՝ արդյունաբերողը դառնում է վաճառական և խոշոր չափերով արտադրում է ուղղակի առևտրի համար։
Միջնադարում վաճառականը, ինչպես Պոպպե-ն է ճիշտ ասում, սոսկ ապրանքներ «տարաբաշխող [Verleger] է, լինեն սրանք համքարների թե գյուղացիների արտադրած ապրանքներ, միևնույն է։ Վաճառականը դառնում է արդյունաբերող, կամ թե, ավելի շուտ, ստիպում է, որ իր համար աշխատի արհեստային, մանավանդ գյուղական մանր արդյունաբերությունը։ Մյուս կողմից՝ արտադրողը դառնում է վաճառական։ Օրինակ, մահուդագործ վարպետը փոխանակ վաճառականից ստանա բուրդը հետզհետե փոքրիկ բաժիններով և վաճառականի համար աշխատի իր ենթավարպետների հետ, հենց ինքն է բուրդ կամ մանվածք գնում և իր մահուդը ծախում վաճառականին։ Արտադրության տարրերը իբրև հենց նրա գնած ապրանքներ են մտնում արտադրության պրոցեսի մեջ։ Եվ առանձին վաճառականի համար կամ թե որոշ պատվիրատուների համար արտադրելու փոխարեն մահուդագործը հիմա արտադրում է առևտրի աշխարհի համար։Արտադրողն ինքը վաճառական է։ Առևտրային կապիտալը հիմա արդեն միմիայն շրջանառության պրոցես է կատարում։ Սկզբնապես առևտուրը նախադրյալ էր համքարային ու գյուղական տնային արհեստագործությունը և ֆեոդալական հողագործությունը կապիտալիստական արտադրության փոխարկելու համար։ Նա զարգացնում է արդյունքը և այն փոխարկում ապրանքի՝ մասամբ նրա համար մի շուկա ստեղծելով, մասամբ ապրանքային նոր էկվիվալենտներ մատակարարելով և արտադրությանը նոր հումքեր ու օժանդակ մատերիալներ մատուցելով և սրանով էլ այնպիսի արտադրաճյուղեր բանալով, որոնք հենց այն գլխից հիմնվում են առևտրի վրա — թե տեղային շուկայի ու համաշխարհային շուկայի համար գործող արտադրության վրա և թե այն արտադրապայմանների վրա, որոնք համաշխարհային շուկայից են ծագում։ Հենց որ մանուֆակտուրան որոշ չափով ամրապնդվում է, նա — է՛լ ավելի շատ՝ խոշոր արդյունաբերությունը — հենց ինքն է շուկա ստեղծում իր համար, այն շուկան նվաճում իր ապրանքների միջոցով։ Հիմա առևտուրը դառնում է սպասավորն արդյունաբերական արտադրության, որի համար կենսապայման է շուկայի մշտական ընդլայնումը։ Մշտապես ընդարձակվող մասսայական արտադրությունը գերալցում է առկա շուկան, ուստի և միշտ աշխատում է ընդարձակել այս շուկան, ճեղքել նրա շրջանակները։ Այս մասսայական արտադրությունը սահմանափակողը ոչ թե առևտուրն է (որչափով որ սա լոկ գոյություն ունեցող պահանջարկն է արտահայտում), այլ գործող կապիտալի մեծությունն ու աշխատանքի արտադրողական ուժի զարգացման աստիճանը։ Արդյունաբերող կապիտալիստը միշտ իր առջև ունի համաշխարհային շուկան, համեմատում է և ստիպված է միշտ համեմատելու իր սեփական արտադրության ծախքերը ոչ միայն իր երկրի, այլ և ամբողջ աշխարհ ի շուկայի գների հետ։ Այս համեմատումը նախկին ժամանակաշրջաններում գրեթե բացառապես վաճառականներին է բաժին ընկնում և այսպիսով առևտրային կապիտալի համար ապահովում է արդյունաբերական կապիտալի վրա տիրապետելու հնարավորությունը։
Արտադրության արդի եղանակի թեորիական անդրանիկ մեկնաբանությունը — մերկանտիլ սիստեմը — անհրաժեշտորեն ելնում էր շրջանառության պրոցեսի մակերեսի երևույթներից, ինչպես սրանք ինքնուրույնացած ձևով հանդես են գալիս առևտրային կապիտալի շարժման մեջ, ուստի և շոշափում էր երևույթների մակերեսը միայն։ Մասամբ այն պատճառով, որ առևտրային կապիտալը կապիտալի գոյության անդրանիկ ազատ ձևն է ընդհանրապես։ Մասամբ էլ գերակշռող այն ազդեցության պատճառով, որ առևտրային կապիտալն ուներ ֆեոդալական արտադրության հեղաշրջման առաջին շրջանում, ժամանակակից արտադրության ծագման շրջանում։ Արդի տնտեսության իսկական գիտությունն սկսվում է այն ժամանակվանից միայն, երբ թեորիական հետազոտությունը շրջանառության պրոցեսից անցնում է արտադրության պրոցեսին։ Տոկոսաբեր կապիտալը, ճիշտ է, կապիտալի նույնպես հնամենի ձևն է։ Բայց թե մերկանտիլիզմն ինչու տոկոսաբեր կապիտալից չի ելնում, այլ, ընդհակառակը, նրա դեմ բանակռիվ է բացում, այս մենք հետո կտեսնենք։