«Կերպարը»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
(Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Կերպարը |հեղինակ = Անդրեյ Բիտով |թարգմանիչ = Անահիտ Խաչատրյան |աղբյուր = [[«Ապր...) |
(Տարբերություն չկա)
|
21:20, 11 Մարտի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Անդրեյ Բիտով |
- Երբ ընկեր-բարեկամ, կամ այդ լուրն առած մարդիկ Մոնախովին հիշեցնում էին, որ ինքը շուտով հայր է դառնալու, նա սրանց տեսնում ու լսում էր հեռվից, միայն զարմացնում էին նրանց դեմքերի արտահայտությունները, որ խիստ տարբեր էին մեկը մյուսից՝ մերթ սրտահույզ, մերթ կարեկից, սակայն բոլորն էլ ձայնի թեթևակի դողով ու աչքով անելու պես մի երանգով։ Ընդ որում՝ ինչո՞ւ էին աչքով անում, ինչի՞ համար, ըստ երևույթին իրենք էլ չգիտեին՝ իրենց կամքից անկախ։ Սովորաբար այդ արտահայտություններին հետևում էր շատ ավելի արժանապատիվ մի կեցվածք։ Անկախ այն բանից՝ զավակների տե՞ր էին արդյոք, թե ոչ, այդ արժանապատիվ կեցվածքն ընդգծում էր առեղծվածին նրանց հասու լինելը, իրենք որ հաստատապե՛ս գիտեին, թե ինչ կա այնտեղ, այն դռնից անդին, որ Մոնախովը դեռ նոր պիտի բացեր։
- Մոնախովը, ի պատասխան, բացատրում էր մի տեսակ արդարանալով, որ թեպետ կնոջը տարել են հիվանդանոց, սակայն տարել են դեռևս ոչ ծննդաբերելու, այլ ճնշումն իջեցնելու, որ դեռ շուտ է, և կինը դեռ ժամանակ ունի, բայց, դեմքերի վրա քանիցս նկատելով ձանձրույթ ու անհամբերություն, դադարեց բացատրել։ Ինքն էլ հոգնեց, կրկնությունից այդ զգացումը բթանում ու կորչում էր։ Հիմա նա ասես ընդունում էր մի ինչ-որ կարճ ծեսի մասնակից դառնալու հրավերը և դեմքին տալիս էր հենց այն արտահայտությունը, որ ընդունում էր հարցատուն՝ ծանոթ լիներ թե հարազատ, արժանապատիվ կամ խնդմնդուն, և, չհասկացվելով, ոչ հուզմունք էր ապրում, ոչ ցնցում, ոչ հանկարծական ըմբռնում, ոչ մթագնում, ոչ ոգևորություն, ո՛չ մի հույզ։ Ամեն նման հանդիպման ժամանակ նա լոկ որոշ անհանգստություն էր ապրում՝ նույնիսկ հարցատուի հանդեպ մի առանձին տհաճություն էլ չզգալով, նրա հայացքը դառնում էր ոչ այն է թափառիկ կամ անվերջության մեջ լռվող, այլ պարզապես անտարբեր։
- Նրա տարօրինակ դեմքը, ընդ որում, ոչ մեկին չէր շփոթեցնում։ Բոլորը հասկանում էին, որ նա, բնականաբար, հուզվում է։
- Մինչդեռ նա բաժանվում էր ծանոթից ու շարունակում ճանապարհը՝ իր կյանքի այդչափ կարևոր իրադարձության նախաշեմին սեփական անտարբերությունից թեթևակի զարմացած։
- Մի խոսքով, այն գիտակցումը, որ առաջիկա հայրության մասին միտքը կամ հիշեցումը իր մեջ ոչ մի զգացում չի արթնացնում, նրա՝ այդ առիթով ունեցած հենց հիմնական զգացումն էր։ Նա խորհրդածում էր այս ամբողջ իրադարձության մեջ հոր տարօրինակ դերի շուրջ, իրականում ինքն անհրաժեշտ էր եղել սոսկ ինչ որ, այժմ արդեն այնքան հեռավոր մի ակնթարթի։ Այնուհետև հոպ՝ վերջ, այնուհետև նա չէր շարունակվել, մի կողմ էր թողնվել, հեռացվել ու լքվել էր։ Նրա անկապ զգացումն աճում էր դատարկության մեջ. «Ե՞ս ինչ գործ ունեմ էստեղ»,– հարց էր տալիս ինքն իրեն՝ տարակուսած։
- Պարզապես դա չի տեղավորվում ուղեղիս մեջ, մի անգամ ճարպկորեն մտածեց նա՝ իրեն թեթևակի անհանգստացրած սեփական անտարբերության մասին։
- Կնոջը նա ամեն օր այցելում էր, ուտելիք տանում, նամակներ գրում՝ շարադրելով իր այլևայլ գործերի ընթացքը, գործեր, որոնք հենց այդ ժամանակ նույնպես երկունքի մեջ էին, ուր որ է պիտի լուծում գտնեին և շատ կարևոր էին իր, հետևաբար՝ կնոջ համար էլ, որը տեղյակ էր բանի էությանը և բաժանում էր նրա գործնական հուզախռիվ անհանգստությունը, սա նաև, ուրեմն, կարևոր էր ապագա որդու կամ դստեր համար։
- Գրելով նամակն ու դնելով ուտելիքի հետ, նա դուրս էր գալիս փողոց և կանգնում կնոջ պատուհանի տակ։ Սուլել չգիտեր և նշաններով փորձում էր գրավել որևէ մեկի ուշադրությունը, որպեսզի կնոջը լուսամուտի մոտ կանչեն։ Եվ ամեն անգամ անհարմարության ու թեթևակի նվաստացման զգացում էր ունենում և ներքուստ պայքարում էր դրա դեմ։
- Վերջապես կինը մոտենում էր, և նրանք շարժումներով բացատրվում էին, ժպտում էին ու գլխով անում՝ մի կարգին չլսելով ու չհասկանալով մեկմեկու, իսկ անցորդները «լավ» ժպտում էին՝ դիտելով կյանքի այդ հուզիչ պատկերը, ինչի համար Մոնախովը, իհարկե, չէր սիրում նրանց։ Այնուհետև, բուժքրոջից կամ բժշկից խրտնելով, կինն անհետանում էր։ Այդ հապճեպը կամ վախը Մոնախովին, չգիտես ինչու, անճշմարտանման էին թվում։ Որոշ ժամանակ նա դեռ կանգնած էր մնում դատարկ լուսամուտի տակ. նրան մյուս պատուհաններից տնտղում էին ուրիշ կանայք, և նա էլ նրանց էր նայում, ապա ոչ այն է մաքուր խղճով, թե՞ թեթևացած, ուղևորվում էր տուն կամ իր գործերով... Կինը դեռ ժամանակ ուներ...
- Այդպիսի օրերից մեկը Մոնախովի համար վերջապես շրջադարձային եղավ, և ամեն ինչ հաջողությամբ ավարտվեց։ (Կարևոր է նշել, որ Մոնախովի գործը դժվարին էր ու նշանակալից, իսկ հաջողությունը՝ խոշոր ու արժանի)։
- Այդ հաջողությունն ամրապնդում էր Մոնախովին տրված մի ծանրակշիռ փաստաթուղթ առ այն, թե նա առնչություն ունի այդ գործի հետ։ Բայց նախքան այդ թղթի ստորագրումը՝ ո՛չ այդ գործը, ո՛չ էլ նրա աշխատանքը և նույնիսկ Մոնախովն ինքը, ասես, գոյություն ունեցած չլինեին։ Այժմ արդեն, այս թղթով, նրան սկսելու էին զգալի գումարներ վճարել և ամենայն հարգանք մատուցանել։ Եվ հենց այդ թուղթն էր, որ ոլորած բռնել ու թխկթխկացնում էր տնօրենի սեղանի եզրին։ Հետո մի տեսակ անփութորեն ծալեց ու դրեց գրպանը։
- Աստիճանների վրա Մոնախովին թվաց, որ թուղթը ոչ թե գրպանն է դրել, այլ ցած է գցել, և նրան քրտինք պատեց։ Բայց՝ չէ, տեղում էր։ Նա բացեց, քնքշորեն զննեց կնիքն ու ստորագրությունը և զարմանքով ու գոհունակությամբ կարդաց խոշոր տառերով մեքենագրված ազգանունը, մանրերով՝ անուն֊հայրանունը...
- Նա նույնիսկ զարմացավ, որ ինքն այդպիսի ազգանուն ունի, ասես, իրենն էլ չի։ Որոշեց անմիջապես գնալ կնոջ մոտ՝ հիվանդանոց և ուրախությանը մասնակից դարձնել նրան, և ավտոբուսն էլ անմիջապես եկավ։
- ― Սա վատ չէ, վատ չէ,– ինքնիրեն չլսելով, ինչ-որ հանգերգելով կրկնում էր Մոնախովը ավտոբուս բարձրանալիս և վստահության համար նորից շոշափում թուղթը։
- ― Դե լավ, լավ,– կրկնում էր նա՝ լուսամուտից դուրս նայելով։
- ― Աստվա՜ծ իմ, Ալեքսեյ,― լսեց նա և միանգամից ճանաչեց ձայնը, բայց չհավատաց և միաժամանակ զգաց ինչպես է փոս ընկնում կողքի նստատեղը, և «Պիկովայա դամա» օծանելիքի բույրը նույնն էր, և այդ ամենն այն պահին, երբ ցնցվելով անսպասելիությունից արագ շրջվեց դեպի խոսողը։ Եվ ամենից շատ ապշեց, որ իրոք էլ նա էր ու այդպես մեկեն ճանաչեց նրան՝ անգամ դեռ չտեսած։ Այսքան տարի ոչ մի անգամ չի հանդիպել նրան և ակնթարթորեն... որքա՜ն ամուր-հաստատուն էր եղել իր մեջ գրանցումը։
- ― Դեհ, բարև,– ասաց նա և այտը դեմ արեց՝ այնպես ծանոթ շարժումով (դե, իհարկե՝ որ ոչինչ չլղոզվի)։ Ավտոբուսն այդ պահին ցնցվեց այնպես, որ չհասկանալով՝ ուզո՞ւմ էր և արդյո՞ք այդքան հաճելի էր, բայց արդեն համբուրեց նրան՝ սաստիկ խեթելով սակայն ուղևորներին, ինչպե՞ս է այս ամենն ընկալվելու կողքից և, համենայն դեպս, չկա՞ն արդյոք ծանոթներ։
- ― Իսկ դու առաջվա անճարակն ես,– ծիծաղեց նա։ ― Դեհ, հապա մի կարգին...
- Ու նորից այտը դեմ արեց նույն այնքան ծանոթ շարժումով։ Եվ Մոնախովը, բացարձակապես անզգա շուրթերով, ջանադիր և արդեն չնայելով ուղևորներին, ասես ձեռքը թափ տալով, բայց չփակելով աչքերը, այնպես, որ տեսավ՝ շատ մոտիկից, քսուքով պատած կնճիռը, որ առաջ չկար, թեքվեց֊հպվեց նրա այտին։
- ― Ինչպե՜ս,– թեթևացած ետ քաշվելով քրթմնջաց Մոնախովը արդեն սովորույթի համաձայն օգտվելով այն հանգամանքից, որ ամեն շարժում կարող է հասկացվել ցանկացած կերպ, և ընդամենը թեթևակի ուղղորդել է պետք, այդպես, ուժ չունենալով թաքցնել շփոթմունքը և անգամ տհաճությունը, նա կարողացավ իր անհանգստությանը տալ մի տեսակ բնական հուզմունքի ու շփոթության ձև։
- ― Ինչպե՜ս,– քրթմնջում էր նա։ ― Ասյա՜... Հնարավո՞ր բան է։
- Եվ նրանք աշխույժ խոսքի բռնվեցին, խոսում էր, բայց թե խոսքն ինչի մասին է՝ լսեց միայն երկու կանգառ անց, իսկ առայժմ հաղթահարում էր զարմանքի ու անվստահության տարօրինակ խառնուրդը, որ իր կողքին նստած այս կինը, ո՞վ կմտածեր, Ասյան է։ Եվ բանն այն չէր, որ Ասյան շատ էր պառավել կամ տգեղացել, սա, մեկ է, նրա ձայնն էր և նրա դեմքը, և, այնուամենայնիվ, կողմնակի մարդկանց դեմքերը Մոնախովին հիմա պակաս կողմնակի էին թվալու։ Եվ նա գլխի է ընկնում, որ եթե իր կողքին ինչ-որ հրաշքով հայտնվեր բոլորովին նույն, նախկին Ասյան՝ տպավորությունը նույնն էր լինելու։ Որովհետև այն Ասյան, Ասյա՛ն, որին ինքը հիշում էր՝ երբեք էլ չէր եղել։ Եղել էր կերպարը, Մոնախովը կառչել էր դրանից տարիներով, կերպարը պահպանվել էր անգամ բաժանման տառապանքի, ապա նաև՝ հիշողության մեջ։ Հիմա նա ասես ձեռքին բռնել էր դիմանկարը և համեմատում էր բնօրինակի հետ։ Ոչինչ չէր համընկնում։ Ասյան, իր կողքին նստած ծերացած Ասյան, անարվեստ մի նմանակում էր, և մի տեսակ տարօրինակ էր թվում, որ ինքը խոսում է նրա՝ ասես իրական Ասյայի հետ։ Եվ այս այնքան ծանոթ շարժումը, որով նա այտը դեմ արեց, Մոնախովին սերտած ու անբնական թվաց, և նույն այս ձայնն ու ծիծաղը ևս մի տեսակ իսկական չէին՝ քիմիա, սինթետիկա, սակայն՝ ոչ իրական, և անգամ աչքերը, ինչպես միշտ կարծել էր, թե կյանքում հանդիպած ամենագեղեցիկ աչքերն են, թեպետև երկնագույն էին Ասյայի աչքերի պես, սակայն զուրկ էին խորությունից ու դատարկ էին, և, ինչ խոսք, իր կնոջ աչքերը շատ ավելի գեղեցիկ էին։ Բայց այն միջոցին, երբ նա համոզվում էր, որ սա Ասյան է՝ կասկած չի կարող լինել, բնօրինակի հետ համեմատման այդ միջոցին, սկսվեց հակադարձ ռեակցիան՝ կերպարի հանդեպ ծագող անվստահությունը։ Իր կյանքում թերևս այսչափ ակներևաբար տեղի ունեցող կերպարի այս քայքայումը, այնպես, որ նա տեսնում էր ասես պատռվող դիմագծերն ու անհետացող գույները, բնազդորեն հիվանդագին էր, և երբ կերպարը հօդս ցնդեց ու չքացավ՝ հալվելով ամպի քուլայի պես, նա թեթևություն զգաց, կենդանացավ, ամեն ինչ հետաքրքիր դարձավ։ Որովհետև նրան հիմա համակած զգացումն այլևս կոչվում էր լոկ հետաքրքրասիրություն, հենց ա՛յդ ես զգում նախկին մեխանիկական գրառումները նորերի՝ դեռևս անհայտների հետ համեմատելիս։
- Հենց այդ պահին, երկու կանգառ անցնելուց հետո է, որ նա լսեց, թե ինչի մասին են իրենք խոսում և միայն թեթևակիորեն շփոթվեց, որ այժմ միայն հետաքրքրություն հանդես բերելով, սակայն չհիշելով խոսակցության սկիզբը, կարող է կրկնվել, իսկ դա կարող է դիտվել իբրև անուշադրություն, մի բան, որ ինքն արդեն չէր ուզում՝ հետաքրքրություն զգալով արդեն ոչ միայն պատմածի, այլև կողքին նստած նոր կնոջ հանդեպ։ Նա, ի դեպ, արագ գլխի ընկավ, որ դա էլ կարող էր վերագրվել այս պարագայում նույնքան տեղին հուզմունքին և ընդամենը պետք է նկատի առնել դա։
- ― Չլինի՞ վերջերս ես վերադարձել, ― հարցրեց Մոնախովը։
- ― Ի՛նչ ես ասում, ես ոչ մի տեղ էլ չեմ մեկնել։
- ― Հապա ինչո՞ւ ոչ մի անգամ չենք հանդիպել,– իրոք զարմացավ Մոնախովը։ ― Չէ՞ որ առաջ, առանց պայմանավորվելու, քանի անգամ հանդիպել ենք փողոցում՝ ժամադրություններից բացի, իսկ հենց բաժանվեցինք, էլ ոչ մի անգամ չտեսանք իրար։ Ես վստահ էի, որ դու մեկնել ես։
- ― Իսկ դու նույն խելոքն ես... ― քնքշորեն ծիծաղեց Ասյան։ Մոնախովը կրկին նկատեց նրա ձայնի անբնականությունը, բայց այժմ դա լիովին ձեռնտու էր իրեն, քանի որ դրանում իրեն գրավել սկսող և միևնույն ժամանակ հետագայում ոչնչի չպարտագրող հնարավորության ակնարկ էր թաքնված։
- ― Իսկ հիմա ո՞ւր ես գնում։ Եթե գաղտնիք չէ,– ասաց Մոնախովը։
- ― Աշխատանքի,– ասաց Ասյան։
- ― Այ քեզ բան – նորից բոլորովին անկեղծ զարմացավ Մոնախովը։– Չլինի՞ ամեն օր այս ավտոբուսով ես երթևեկում։
- ― Իհարկե,– ասաց Ասյան։
- ― Բայց, ախր, ես էլ եմ սրանով գնում,– ասաց Մոնախովը։ ― Այ քեզ տարօրինակ բան, առաջին անգամ հանդիպեցինք։
- ― Շատ պարզ է,– ասաց Ասյան,– պարզապես մենք տարբեր ավտոբուսներ ենք նստում։
- ― Հա... ― ծոր տվեց Մոնախովը և շվարած նայեց նրան։
- ― Ինչո՞ւ ես էդպես նայում,– ծիծաղեց Ասյան։– Ասես հիմար լինեմ։ Պարզապես մենք երթևեկում ենք հանդիպական ավտոբուսներով, դու աշխատում ես էնտեղ, որտեղ ես եմ ապրում, իսկ ես՝ հակառակը։ Ահա մենք էլ շարունակ տարբեր ուղղություններով ենք ընթանում։
- ― Այ թե ասացիր... ― մի տեսակ հիացած ասաց Մոնախովը։– Գլուխդ առաջվա պես պայծառ է։ Ես երբեք գլխի չէի ընկնի։
- ― Չլինի՞ կարծում ես, թե ցնդել եմ։ Մի՞թե այդքան պառավել եմ։
- ― Չէ, ի՛նչ ես ասում,– ոչ բոլորովին անկեղծ ասաց Մոնախովը,– դու հոյակապ տեսք ունես։
- Եվ խոսքերին համոզչություն հաղորդելու համար ասաց մի տեսակ կոպտորեն, բայց այնպես, որ ցանկացած կին հեշտությամբ կներեր նրան. «Փոքրիկ շնիկը՝ օր ծերության էլ շնիկ է»։
- ― Ճիշտ է,– ուրախացավ Ասյան,– շնիկ...
- Մինչդեռ Մոնախովը, մի անգամ ևս նայելով նրա դեմքին, այժմ արդեն ծերացած չգտավ այն. դեմքը նույնիսկ ավելի ջահելացել էր։ Այն ժամանակ չէ՞ որ ինքը դեռ բոլորովին տղեկ էր, իսկ Ասյան հինգ տարով մեծ էր իրենից, հիմա ինքն ասես անցել-մեծացել էր նրանից։ Դա, իրոք էլ, տարօրինակ զգացում էր։ Վերջերս Մոնախովն արդեն նկատել էր դա... Իրենից զգալիորեն հասակով մարդիկ միանգամից ջահելացել էին։ Օրինակ ուսուցչուհիները։
- ― Դու էլ բոլորովին չես փոխվել,– ասաց Ասյան,– թեպետ ահա տեսնում եմ, որ սկսել ես ճերմակել։
- Մոնախովը որսաց ու ճանաչեց Ասյայի այդ կառչուն հայացքը, այն այդպիսին էր, երբ նա դեռևս պատանի Մոնախովին իր ետևից խանութներն էր քաշ տալիս կամ զննում էր անցնող տղամարդկանց, և ինքն այն ժամանակ չէր սիրում այդ հայացքը, իսկ հիմա այն շոյում էր իրեն։
- ― Ես արդեն ատամ էլ չունեմ,– ճապաղելով՝ անտեղի պարծեցավ նա։ ― Ուզում եմ գցել։
- ― Կոստյումդ էլ լավն է,– ասաց Ասյան՝ նույն այդ կառչուն հայացքով սահելով պիջակի վրայով։
- Եվ Մոնախովն ազատագրվեց ու թեթևություն զգաց, կարծես թոթափվեցին բռնության շղթաներն ու իրեն ճզմող ծանրաքարերը, որոնց շնորհիվ նա իր՝ այս կամ այն հազվագյուտ հատկանիշով օժտված մեկն էր, իսկ առանց այդ ծանրաքարերի ու շղթաների՝ ազատ, պարզապես գոյություն չէր ունեցել, միայն ցանկությունն էր, ցանկությունը, որ ուժեղանում էր ճաշակի, մտքի կամ բարոյականության այն իրեն տհաճ հատկանիշների շնորհիվ, որ այսքան տարի անց աչքի էին զարնում իր նախկին սիրեցյալի կերպարի մեջ։ Սա արդեն հիշողություն֊ճանաչումը չէր, այլ ինչ֊որ հակադարձ ու հակադիր մի բան. հիասթափության սադիզմը՝ աստառը, նախկին զգացմունքների սևանկարը։
- Եվ նույնքան տարօրինակ, ինչ֊որ տեղ հեռվում աղոտ երևաց նմանությունը... որովհետև նախկին այդ զգացմունքները՝ հետադարձ ընթացքով, նույն այդ սևանկարից հանված լուսանկարն է։
- Մասամբ սկիզբ առավ այն, ինչը հիմա, այլ բառ չգտնելու և դրանից գլուխ չհանելու հետևանքով անվանում ենք «անջատվել»։ Միևնույն ժամանակ ինչ-որ տեղ, բոլոր զգացմունքներին ու մտքերին հակառակ, կճեպը ճեղքելով, առավել ճշմարտացի մի բան էր լույս աշխարհ գալիս։ Մշտական վախով ետ մղվող և այն հաղթահարել չկարողանալու իր թուլությամբ, ուրիշներից, առավել ևս իրենից խնամքով թաքցված՝ այս կամ այն շրջանակում բոլորի կողմից ընդունվածի լրիվությամբ և ոչ մի կերպ սեփական անձի կողմից լուծում չգտած, այդ պատճառով էլ՝ անընդհատ դուրս պրծնող մի բան՝ դրանում էլ՝ մի դիվային քաղցրություն։ Ու պայմանավորվում են, արդեն ասես ոչինչ նկատի չունենալով, բայց միշտ՝ դրա համար, և դրանում գրեթե անհրաժեշտություն ու կարգավորող մի ինստիտուտ կա, պարբերականություն ու ռեժիմ։ Եվ ոչ ոք չի ասի ինքն իրեն՝ ինչո՞ւ, անպատշաճ ու գռեհիկ կհնչի, նույնիսկ՝ անարդար։ Պարզապես զվարճանալ, խմել ընկերական շրջապատում՝ «անջատվել»։ էստեղ մարդն ասես թափ է տալիս ձեռքը, փակում աչքերն ու՝ պոկվեցի՜նք։ «Հետո ինչ, թող որ, թո ղ որ...»,– անիմաստ կրկնում է մարդը։ Եվ ամեն ինչ դյուրին է, մատչելի... Ահա այս արքայական զգացումը հոսանքի պես հաղորդվում է մեկից մյուսին, համակում բոլորին, և առավոտ ծեգին բաժանվում են սուսուփուս, շաղվող, խուսափուկ աչքերով։
- Եվ «անջատման» այդ ամբողջ մեխանիզմը Մոնախովի համար այլևս այնքան քիչ էր գաղտնիք պարունակում, որ ավելի մեծ գաղտնիք էր դառնում։ Բայց հոսանքն արդեն կար, փոխադարձ էր, դա անմիջապես զգացին թե ինքը, թե Ասյան։ Նրանք թողեցին, որ այն կլանի իրենց։ Այն աճում ու ուժեղանում էր փոխանակությունից։ Եվ նրանք հանկարծ լռեցին՝ ասես ամեն ինչի մասին պայմանավորվելով։ Լռելով ու ներքուստ ինչ-որ բան ապրելով նրանք, շունչ առնելով, ինչպես կձգվեին գլանակ վերցնելու, որոշ ժամանակ չնայելով մեկմեկու շարունակում էին խոսակցությունը նոր մտերմության և մտերմությունից հետո հեռացումի այն երանգով, որ սկզբում թույլ չէին տա իրենց։
- ― Դեհ, իսկ քո դոցե՞նտն ինչպես է,– հարցրեց Մոնախովը՝ ձայնի մեջ ի հայտ եկող այն մշտական գոհունակությամբ, որ ծնվում է մեկ այլ տղամարդու հանդեպ ունեցած կարծեցյալ առավելությունից, եթե նրան պատկանող կինը քո կողքին է։
- ― Բաժանվում ենք,– թեթևորեն ասաց Ասյան։ Այնուամենայնիվ, ինչ֊որ տեղ, հեռավոր ստվերի պես Մոնախովի մեջ դեռ ապրում էր հիշողությունը անցած֊ապրածի՝ այս մարդու հանդեպ ունեցած ատելության ու ցավի մասին։ Իսկ այժմ սպասվում էր կարճ մի խրախճանք՝ ետին թվով արված Գրառման կամ կեղծած ստորագրության պես մի բան...
- ― Չլինի՞ էսքան ժամանակ դեռ նրա հետ ես,– ասաց Մոնախովը և չկարողացավ թաքցնել հիասթափությունը, նայեց Լուսամուտից դուրս։ Իր կանգառն անցել էր։
- ― Դու դեռ խանդո՞ւմ ես,― նորից ծիծաղեց Ասյան, և նրա ծիծաղը Մոնոխովին արդեն բոլորովին անկյանք ու ծլնգան թվաց։
- Բայց հարցն ապշեցրեց իր կոպիտ շիտակությամբ։ Նրան, ինչպես մի մարդու, որ մտքերի ընթացքով այնքան է հեռացել բնօրինակից, որ արդեն չեն երևում ոչ նպատակը, ոչ մեկնակետը, այլ սոսկ՝ հավերժական մեջտեղը, անապատը, զարմացրեց այդչափ ուղղակի թռիչքը տրամաբանության այդ ծովի վրայով և խնդրի բուն հիշեցումն իրեն, որ մնացել էր արդեն անզանազանելի մանրամասների ետևում...
- Մոնոխովը զարմանալով լռեց։ Ասյան ասաց.
- ― Մեր աղջիկը եկող տարի արդեն դպրոց է գնալու։
- ― Ո՞վ կմտածեր,– ասաց Մոնախովը,― ինքնիրեն կրկնելով նրա արտահայտությունը և նրանում տեղափոխելով «արդեն» բառը, որ հեշտությամբ տեղավորվում էր արտահայտության ցանկացած մասում և դրանով հիմնավորապես ցաքուցրիվ անում այն։
- ― Դու, ուրեմն, այնուամենայնիվ, հաջողացրիր ամուսնանալ նրա հետ։ Ինձ թվում էր նա երբեք չէր համարձակվի ամուսնանալ։
- ― Ի՜նչ ես ասում։ Նա աղաչում էր ինձ... ― ասաց Ասյան։
- ― Ուրեմն համոզեց,– ասաց Մոնախովը։
- ― Դե չէ, մի խոսքով, ես հենց դա էլ ուզում էի,– ասաց նա։
- ― Հըմ, հա՜,– ասաց Մոնախովը։
- ― Դեհ, իսկ դո՞ւ,– ասաց Ասյան ու կրկին հայացքը գամեց վրան,– երեխաներ ունե՞ս։
- Մոնախովը թեթևակիորեն ցնցվեց ու վարանեց.
- ― Չէ... անվստահ ասաց նա։ Ասյան քմծիծաղ տվեց։
- ― Բայց ամուսնացա՞ծ ես։
- ― Ամուսնացած եմ,– ասաց նա՝ կրկին վարանելով։ Չգիտես ինչու, եթե իրեն, այնուամենայնիվ, լրիվ ձեռք էր տալիս, որ նա ամուսնացած է, ապա ինքը կարծես պետք է որ ազատ լիներ...
- ― Ուրեմն՝ կորած ես կանանց համար,– ասաց Ասյան։― Ափսոս։
- ― Ինչ իմանամ... ― Մոնախովը ձգվեց, փքվեց ու շարժվեց նստատեղին,– նայած՝ ում համար... Քեզ համար՝ չէ,– վերջապես վրա բերեց նա ու աղմուկով հառաչեց։
- ― Կարմրեց։ Կարմրե՜ց, ― ծիծաղեց Ասյան։ ― էլի նույն երեխան ես։
- ― Ես ջահել մտրուկ եմ՝ դիմացկուն ու հպարտ... ― երգեց Աոնախովը։
- Եվ նրանք երկուսով ծիծաղեցին ու աշխույժ զրույցի անցան, և Մոնախովը նորից անկարող էր հիշել՝ ինչի մասին։ «Ինչի՞ց է,– անցողակի զարմացավ նա,– հենց որ սկսում եմ իմ կարծիքով ինձ ոչ երեխայավարի պահել, կանայք ասում են, թե երեխա եմ» ― և նա իր ճերմակ քունքով թեթևակի շրջվեց դեպի Ասյան։ Այսպես նրանք ծիծաղում ու շատախոսում էին աշխուժորեն՝ իրար ընդհատելով ու ոչինչ չմտապահելով. թեթևակի լողում ու վերուվար էին լինում դեմքերի տարտամ բծերը. նրանք արդեն չէին ամաչում ավտոբուսից՝ ասես անկշռության վիճակում լող տալով բոլորի վերևում։
- ― Մենք իջնելու ենք,– հանկարծ ասաց Ասյան։ «Մենք...» – մտածեց Մոնախովը։
- Նրանք իջան կղզիներում... Փողոցի երկու կողմերում ազատ, առանց ցանկապատի, կանգնած էին ծեր ծառերը՝ գրեթե մերկ, դրանց ետևում ինչ-որ տեղ նշմարվում էր խամրած դեղին առանձնատունը։ Նրանք քայլում էին փողոցով, փողոցը կորացել էր՝ մի կամուրջը մյուսին միացնելով։ Եվ Ասյան հարցրեց.
- ― Դե, իսկ կինդ ինչպիսի՞ն է։
- ― Ո՞նց՝ ինչպիսին է,– թեթևակի շփոթվեց Մոնախովը։
- ― Գեղեցի՞կ է...
- ― Հա, թերևս,– դժկամ պատասխանեց Մոնախովը։
- ― Նմա՞ն է ինձ,– հարցրեց Ասյան ու դեմքը ծամածռեց։ Ծամածռությունը չսազեց նրան։
- Մոնախովը դեմքը շրջեց ծամածռությունից՝ ի՞նչ պատասխանի, սկսեց մտաբերել, թե ինչպիսին է կինը, թե ինչպես մի երկու բառով նկարագրի նրան ու մեկեն աշխուժացավ անակնկալ հայտնագործությունից, որն առաջ երբեք մտքով չէր անցել։
- ― Պատկերացնո ւմ ես,– ասաց նա զրնգուն,– ի՜նչ տարօրինակ է... ճիշտ քո հակապատկերն է։ Ասես հատուկ ընտրած լինեմ,– ծիծաղեց նա ու սթափվեց։ ― Պատկերացրու մի կնոջ՝ նույնքան գեղեցիկ, որքան դու,– ասաց նա դիվանագիտորեն,– բայց ամբողջովին քո հակապատկերը՝ թե հասակով, թե կազմվածքով, թե ձայնով, թե տեսակով...
- ― Խոշոր մի բան դուրս եկավ,– ասաց Ասյան, և այս անգամ ձայնի երանգը շատ լավ հաջողվեց նրան, ու Մոնախովը ծիծաղեց և այդ պահին հանկարծ վերհիշեց Ասյային, որին սիրել էր ամբողջությամբ, նրան առաջներում էլ, պատահում էր, հաջողվում էին այդպիսի արտահայտությունները։ Նա հանկարծ հիշեց Ասյայի մերձությունը, ցանկությունը կարոտագին ուժով գլուխ բարձրացրեց նրանում։
- ― Եվ խառնվածքն էլ,– ճնշված ավելացրեց նա՝ կրկին զարմանալով, որ հակառակ էր ամեն ինչ, անգամ անկողինը, և այստեղ ինչ֊որ բան կար, որ պատահական ու իզուր չէր։ «Ինչպես է, այնուամենայնիվ, ամեն ինչ անհրաժեշտորեն փոխկապակցված, որ ամբողջական լինի...– մտածեց նա։ ― Որ ցանուցիր չլինի»։
- ― Եվ, իհարկե, մայրիկիդ հետ եք ապրում։ ― Այստեղ Մոնախովը նորից հիշեց Ասյային ամբողջությամբ՝ այնպես նա ասաց՝ «մ-մայ-րիկիդ»,– այս Ասյայից նա ժամանակին վախեցել և, թվում է, նույնիսկ չէր սիրել, սակայն շատ ավելի էր տենչացել, քան սիրելի Ասյային։
- ― Տեսնում եմ՝ այդ զգացումը տարիների հետ չի թուլացել քո մեջ,– ասաց Մոնախովը։
- ― Օ՛հ, այո... ― պատասխանեց Ասյան։ ― Եվ ինչպե՞ս է նա յոլա գնում նրա հետ։
- Մոնախովն այդ «նա նրա հետ»֊ը դիտեց թե՛ մեկի և թե մյուսի անունը չտալու դժկամություն, դրանում, նաև ձայներանգում որսալով որոշակի խանդ, որ կրկին շոյեց իրեն։
- ― Շատ լավ,– ասաց նա վստահ, թեպետ դրա համար հիմք չուներ ու շեղակի նայեց Ասյային՝ ինչպե՞ս կընդունի ասածը։
- Ասյան, սակայն, անսովոր անտարբեր գտնվեց և, թվում է՝ ուրիշ բան էր մտմտում։
- ― Ուրեմն քեզ մոտ չի լինի հանդիպել։ Մոնախովը շնչահեղձ եղավ։ Ասյան նայեց նրան ու ծիծաղեց։
- ― Դու էլի առաջվանն ես։
- Մոնախովը ոչ բոլորովին հասկանալի թոթվեց ուսերը։ Նրանք հասան կարմիր եկեղեցուն, և Ասյան կանգ առավ։
- ― Այլևս մի ուղեկցիր ինձ։
- ― Ինչո՞ւ որ,– նեղացավ Մոնախովը։
- ― Պարզապես կանգառում սպասում են ինձ։ – Նա նայեց Աոնախովի անհեթեթ դեմքին ու երջանիկ քրքջաց։ ― Դե հա, սպասում են։
- ― Ամուսի՞նդ։
- ― Չէ, փեսացուս։
- ― Լսիր,– ասաց Մոնախովը։ ― Դեռ չե՞ս հոգնել։ էլի՞ ես պատրաստվում ամուսնանալ։
- ― Ինչ արած... ― անկեղծ հառաչեց Ասյան։
- ― Ի՜նչ եռանդ ունես, է՜... ― ասաց Մոնախովը գրեթե հիացմունքով։
- ― Հոգնում եմ...– պարզ ասաց նա։
- ― Բնակարան ունես, լավ վաստակում ես... գոնե հանգստանայիր... շունչ քաշեիր։
- ― Ա՜խ, հաճույքով։ ― Ասյան հոգնած ժպտաց ու աչքով արեց Մոնախովին։ Աչքով անելը կրկին չհաջողվեց նրան։ Մոնախովն իրեն անհարմար զգաց։
- ― Գոնե լա՞վ տղա է,– հարցրեց նա։
- ― Կուզե՞ս տեսնել,– ասաց Ասյան։ ― Ես առաջ կանցնեմ։ Իսկ դու, իբր պատահաբար, արի ետևիցս։ Երեկոյան կպատմես՝ դուրդ եկավ, թե՞ չէ։ Կուզե՞ս, ― աշխույժ ու համառ հարցնում էր Ասյան։
- ― Լավ,– ասաց Մոնախովը։ Այդ «երեկոյան կպատմես»֊ը կարգին ոգևորեց նրան։ Նա պարզապես չէր սպասում նման թեթևության։
- Ասյան առաջացավ։ Մոնախովը ոտքը կախ գցեց, ապա հետևեց նրան։ Հասնելով կանգառ Ասյան գաղտուկ մոտեցավ հերթի վերջում կանգնած մարդուն և ոստնելով՝ գրկեց նրան թիկունքից։ Մոնախովը լսեց նրա կարկաչուն ծիծաղը, այն, թե ինչպես նա ոստնեց ու գրկեց անծանոթին՝ նույնությամբ ծանոթ էր իրեն և մի կաթիլ իսկ չէր փոխվել։ Նա՝ պստլիկ ու փոքրամարմին, ձգվեց թաթերի վրա, իսկ տղամարդն իր երկար բոյով մեկ կռացավ ու այտը դեմ արեց։ Եվ նրանք, իրար ձեռք բռնած, աշխույժ խոսեցին։
- Մոնախովը գանգի մեջ տարօրինակ տեղափոխություն զգաց՝ այնքան որ իրեն այս մարդու փոխարեն պատկերացրեց։ «Ո՞վ է նա։ Ո՞վ է Ասյան։ Ո՞վ եմ ես» ― տարակուսած մտածեց նա և նայեց մի տեսակ շեղակի, կողքից, գլուխը թեթևակի կողքի թեքած՝ հավի պես։ Գլխի մեջ թեթևակի զրնգոց լսեց։ «Նա իզուր սա...»,– մտածեց նա, բայց դա վերաբերում էր ոչ թե երկայնահասակին, այլ հենց իրեն, նա իրեն խղճաց, դեռևս չհասկանալով՝ ինչի համար։ «Պետք չէր, որ իմանայի այս մասին»,– մտածեց նա։ «Ոչ մի բան էլ պետք չէ իմանալ որևէ մեկի մասին»,– մտածեց նա ջղայնությամբ՝ հանկարծ պատկերացնելով կնոջը, որը, ասենք, ահա այսպես կմոտենար իրեն՝ անկյունում թողնելով ասենք այս լողլողին։ «Թուհ, սատանա»,– կրճտացրեց Մոնախովը, բայց արդեն հավասարվել էր նրանց, ծածուկ տնտղել երկայնահասակի դեմքը։ Դեմքը դուր եկավ Մոնախովին, և այնժամ նա խղճաց նրան։ Դրանում, իհարկե, որոշ սնափառություն կար։ Հանկարծ երկայնահասակը բարձրացրեց դեմքը և նայեց Մոնախովի աչքերին՝ ուշադիր ու միամիտ, և Ասյան այդ պահին հասցրեց աչքով անել Մոնախովին։ Երկայնահասակը նորից հակվեց դեպի Ասյան, մինչ Մոնախովն արդեն հեռանում էր նրանից՝ զսպելով շրջվելու և ետ նայելու ցանկությունը, չզգալով ինչպես է ձգվում մաշկը թիկունքի վրա՝ դառնալով թրթռուն փշաքաղվող կնճիռ։ Նա հեռանում էր՝ գրպանում շոշափելով թղթիկի վրա գրված հեռախոսահամարը, որով հրահանգված էր զանգել երկու ժամից, և գոհունակության ու թշնամանքի խառն մի զգացում էր ապրում. «Այ թե ոնց... ― ինքնագոհ ու տխուր մտածում էր նա։ ― Փոխվեցին դերերը... Չէ, էն ժամանակ դեր չէր... մտածելու բան է...»։
- «Իսկ հիշո՞ւմ ես, հիշո՞ւմ ես»,– ուղեղին էին հասնում ավտոբուսային խոսակցության պատառիկները։ Չէր հիշում։
- Ավելի ճիշտ՝ այն ամենը, որ ինքն էր հիշում... չէր հիշում Ասյան։ Աննպատակ նա թրևում էր հիմա փողոցով՝ ոչինչ չտեսնելով, տարակուսած տնտղելով իրենց զրույցի փշուրները։ Ահա թե ինչն էր, պարզվում է, ցնցել իրեն... Բոլոր այս տարիներին Ասյան պահել (ամուսնուց թաքցնելո՞վ) ու վերընթերցել էր իր՝ Ալյոշայի նամակները. «Դու հոյակապ նամակներ էիր գրում...»։ Մոնախովը շառագունեց ու անհարմար զգաց թղթի վրա մնացած բառերի մանկականության համար։ Ինքը չէր հիշում դրանք. Ասյան՝ անգիր գիտեր։ «Դեհ չէ, ես երկու բառ էլ իրար կապել չգիտեի...»։ ― «Գիտեիր, գիտեիր»։
- Սակայն այդ շփոթմունքից դժվար էր գլուխ հանել, ո՞վ էր ումից ամաչողը՝ այս Մոնախովն այն մեկից, թե՞ այն Ալյոշան՝ սրանից... Մոնախովն անհարմար էր զգում Ասյայի զգացմունքայնության ավելցուկից, թե՞ իր զգացմունքայնության պակասորդից... Չէ՞ որ ինքն էր նրան սիրում, իսկ նա՝ ոչ, և ի՞նչ դուրս եկավ։ Ինքն այն ժամանակ համոզված էր, որ չի դիմանա, սակայն սեփական մահն անցավ հիվանդության պես՝ ասես չէր էլ եղել։ Իսկ Ասյայի համար, պարզվում է, հենց միայն դա էր, որ եղել էր կյանքում։ Գուցեթե հենց միայն դա էր եղել նրանը՝ Մոնախովը։ Իհարկե, չափազանցություն է, գայթակղ... մինչդեռ բոլորովին էլ չվստահելով նրա անկեղծությանը, Մոնախովը, չգիտես ինչու, հավատում էր իր նամակներին։ Չէ՞ որ դավաճանն Ասյան էր եղել, իսկ անհավատարիմը հիմա ինքն է դուրս գալիս։ Դավաճանի այդ հավատարմությունն ապշեցրել էր նրան։
- «... Ահա թե ինչ։ Տասը տարվա մեջ մի անգամ իսկ չի հանդիպել, ո՜նց են անհետանում մարդիկ։ Իսկ գուցե տասը տարի՞ն է չքվել», ― այսպես էր մտածում Մոնախովը և հանկարծ հասավ հիվանդանոց։ Տեղեկացավ կնոջ առողջության մասին, ամեն բան կարգին է, ճնշումն իջել է, և շուտով նրան դուրս կգրեն, որպեսզի նա արդեն տանն սպասի իր ժամկետին։ Նա նամակ գրեց կնոջը, բառերը չէին տրվում, և նա չէր կարողանում հիշել, թե ինչի մասին գրի։ Եվ միայն բավականաչափ հեռանալով հիվանդանոցից, հիշեց, որ շտապում էր կնոջը հաղորդել առավոտվա հաջողության մասին։
- Մայրը կարկանդակ էր թխում և միջանցքով սենյակից խոհանոց, խոհանոցից սենյակ անցնում՝ մի գլուխ ինչ-որ բան մոռանալով ու հիշելով։ Մոնախովը ոչ մի կերպ չէր հաջողացնում մենակ մնալ հեռախոսի մոտ։ Զարմանքով հայտնաբերեց, որ նյարդայնանում է։ Նա իրեն զգում էր այնպես, ինչպես տասը տարի առաջ, թերևս փոքր֊ինչ ավելի անտարբեր, սակայն՝ նույն կերպ։ Նրա զգացմունքները թեքվել էին կողմնակի, արդեն մացառապատ, սակայն զարմանալիորեն ծանոթ արահետ։ Եվ այդ իմաստով նա տասը տարով ջահելացած էր զգում իրեն։ Վատն այն էր, որ նա միանգամից էլ գիտակցեց, չհասցնելով երկար զգալ դա։
- Համենայնդեպս, փողոց թռչելով, վերարկուի փեշերն իրար վրա բերելով ու քթի տակ քրթմնջալով՝ իբր ծխախոտը պրծել է, նա գրեթե բավականություն էր զգում մոռացված խռովքից։
- Հեռախոսախցիկում համարը հավաքելով ու ազդանշանի սպասելով նա արդեն իրոք էլ հուզվեց՝ առանց մտմտալու և սևեռվելու, մեկ էլ ու՝ տեղում չլինի կամ էլ համարը սխալ դուրս գա... ժամանակը մի ակնթարթ կանգ առավ, ու նա ցնցվեց, լսեց անսպասելի ձայնը և արդեն հասկանալով, որ Ասյան է, համենայնդեպս հարցրեց՝ Ագնեսա Միխայլովնային։
- ― Ես եմ, ես, հիմարիկ,– ասում էր Ասյան։ ― Արի էստեղ։
- Մանկատունը, որ ղեկավարում էր Ասյան, ծայրամասում էր, նոր թաղամասում։ Մոտենալով նպատակակետին՝ Մոնախովը ձգվեց և գնաց էլ ավելի առաձգական քայլքով։ Ինչ֊որ մի պահ սթափվեց և բնավ խելոք չթվաց իրեն։ «Մի՞թե հաղթողն անպայման պետք է հիմար լինի», ― արդեն մտածում էր նա, երբ տեղնուտեղն էլ մի տեսակ ուրախացավ հիմարանալու համար և ասես խրախուսեց իրեն այդ առիթով. «Փոխարենը որքան լիարժեք եմ զգում ինձ», ― ասաց ինքն իրեն՝ կեսբերան քմծիծաղով։
- Պարսպով ցանկապատված դեղնավուն շենքը այգու ներսում էր։ Այգին դատարկ էր։ Մոնախովը կտրեց֊անցավ շենքի դիմացի տրորված խաղահրապարակը՝ շրջանցելով ավազե բլրակը, սունկը և թափուր կարապն այնպես վճռական՝ մի տեսակ շուրջը չնայելով, ասես գնում էր ամբոխի միջով, որտեղ բոլորը կանգ էին առնում, շրջվում ու հիացմունքով նայում էին իր ետևից։ Նա իրեն ավելի բարձրահասակ էր զգում։ Հասնելով դռներին՝ նա շատ արագ աճեց, նախասրահն ու աստիճաններն արդեն փոքր էին նրա համար, դա բնական էր թվում մանկատան պարագային։ Մոնախովի դեմքին բարի ժպիտ հայտնվեց, նա բարձրանում էր սանդուղքով, ասես անցողակի կանգ առնելով և իրեն ընդառաջ վազող չարաճճիի մազերը խառնելով։ Բայց շուրջը լուռ էր ու դատարկ։ Ողջ աղմուկը Մոնոխովի արյան աղմուկն էր։ Բանալով «Վարիչ» ցուցանակով դուռը, Մոնախովն արդեն այնքան բարձրահասակ էր, որ թեթևակի կռացավ, որ գլուխը դռան բարավորին չդիպչի։
- Ասյան նրան խիստ գործնական դիմավորեց, գրեթե չնայեց էլ։ Մոնախովը տեղնուտեղը վերստացավ իր նախկին հասակը, դա կտրուկ ստացվեց, այնպես, որ ինքն իրեն նվաստացած զգաց։ Եվ ցածրիկ բազկաթոռն անսպասելիորեն տեղի տվեց – նստեց, իսկ սեղանի մոտ նստած Ասյան բարձրացավ նրա գլխավերևում. Մոնախովի ջահելանալը հօդս ցնդեց։ Ասյան կենտրոնացած արտագրում էր։ «Ուսումնական ծրագիր»՝ կարդաց Մոնախովը վերնադիրը։ Ասյան կարմիր մատիտով ընդգծեց այն։ Մոնախովն ուզում էր կատակել ուսումնական ծրագրի առիթով ու չկատակեց։ Եվ այդպես էլ շարունակեց լուռ նստած մնալ։ Բազկաթոռն անհարմար էր։
- Հեռախոսը զանգեց։ «Ջանիկս»,– Ասյան կչկչաց։ Ասյային նայելով, Մոնախովը ետ ընկավ՝ խրվելով բազկաթոռի մեջ, օտարացավ։ Ասյան արդեն պայմանավորվում էր. «Տես հա, էլ ոչ մեկի չառաջարկես։ Մենք կանցնենք»։ Ասյան զնգուն ծիծաղեց՝ իրենից անջատ ծիծաղով։ «Չէ, դու չես ճանաչում»,– և աչքով արեց Մոնախովին։
- Լսափողը դնելով նա մոտ վազեց ու նստեց Մոնախովի ծնկներին։ Համբուրեց։ Ծիծաղեց։ Մոնախովը, իր հերթին, Փորձեց համբուրել նրան, նա խույս տվեց։
- ― Հիմա, Ալյոշա։ էլի մի զանգ,– ասաց նա մտահոգվելով։
- Դա գործնական զանգ էր։ Մոնախովը լսում էր Ասյային ու զարմանում։ «Դա զայրացուցիչ է,– ասում էր նա,– չէ՞ որ երեխաները սառչում են»։ Նա սկսեց արձակել խալաթի կոճակները։ Խալաթի տակ վերնաշապիկն էր։ Դա անսպասելի էր Մոնախովի համար։ Ասյան որսաց նրա հայացքը, նայեց իր կրծքին ու հանկարծ Մոնախովին նայեց այնպես շիտակ ու պարզ, որ վերջինիս շունչը կտրվեց։ «Ի՞մ ինչ գործն է,– տեղնուտեղն էլ ճչաց Ասյան։ ― Գլխացավանքի մե՞ջ եք ուզում ընկնել։ Վաղը կընկնեք», ― և ցած շպրտեց լսափողը։
- Այս ձայներանգը, որով նա խոսում էր հեռախոսով և իրեն ուղղված այս հայացքը շոյում էին Մոնախովին. չէր կարող ասել, թե ինչու։
- Ասյան մոտենում էր պահարանին՝ քայլելիս դեն նետելով խալաթը, հագնելով անթև բաճկոնակը, ասելով «բարձրացրո՜ւ», մեջքը դեմ տալով Մոնախովին։ Մոնախովը խնամքով բարձրացրեց շղթան։ Ներս մտավ դայակը։ Մոնախովը շարունակում էր նստած մնալ, բայց արդեն ասես ինչ֊որ գաղտնի մի բան էր տեղի ունեցել այս սենյակում, նրա դիրքն առաջվանն էր, սակայն սկզբում անհարմար էր, իսկ այժմ՝ անփույթ։ Նա ներողամտորեն ականջ էր դնում նրանց զրույցին։ Դայակը՝ ճերմակամորթ մի աղջիկ, արագ ինչ֊որ բան ասաց՝ անպատեհ տնտղելով Մոնախովին ոչ այն է հետաքրքրասիրությամբ, ոչ այն է՝ շփոթահար, և դա նույնպես շոյող էր։ Նա հանկարծ նկատեց, որ Ասյան խելացի հայացքով իրեն է նայում և անհարմար զգաց, շրջվեց։ Դայակը շփոթվեց։ «Լավ, Նաստյա, գնա»,– ասաց Ասյան։
- Մանկատնից զբոսայգի դուրս գալով նրանք տեսան, թե ինչպես նստարանին հանգամանորեն տեղավորված երկու տղամարդ ուտում ու խմում էին։ Այդ խաղաղ պատկերը գորովանքով պարուրեց Մոնախովին, և նա ասաց Ասյային.
- ― Գուցե խմե՞նք մի տեղ։
- ― Ինձ չի կարելի,– ասաց Ասյան։
- Որերորդ անգամ Մոնախովին համակեց պարտության նախազգացումը։
- Այնուհետև Մոնախովը ժամանակ առ ժամանակ բոլորովին չէր ընկալում, թե ինչ է տեղի ունենում։ Նա Ասյայի հետ խցկվում էր խանութները, նրա պայուսակով դիպչում ուրիշների ոտքերին։ Ասյան խանութում այնպես օտարանում էր իրենից։ Նա կրկին հիշում էր տասնամյա վաղեմություն ունեցող իր զգացումը, երբ ահա ճիշտ այսպես ուղեկցում էր նրան և թեպետ հիմա չէր տառապում և անկախ էր Ասյայից, անհարմարության զգացում էր ապրում՝ Ասյայի մեջ տեսնելով իր լիակատար բացակայությունը։
- Ասյայի դեմքին, երբ նա շոշափում էր իրերը, դրոշմված էր նրան իսկ չենթարկվող հազվադեպ արտահայտություններից մեկը՝ ակնապիշ, կառչուն, սևեռուն, այն այնքան օտար էր, որ ոչ միայն սիրահարը, այլև այժմյան Մոնախովն էլ էր կարկամում։ Ասես գլխովին մատնում էր նրան, ասես պոկում էր վրայից կեղծամը, և տիրոջը չենթարկվող այդ դեմքը ահով իրական էր ընկալվում։ Եվ երբ վաճառասեղանից հեռանալով նա շրջվեց Մոնախովի կողմը՝ մի ակնթարթ հագնելով նախկին իր դեմքը՝ փութով, մի կերպ վրան ձգելով ժպիտը, նրա երկու դեմքերը մի պահ չհամընկան, մեկի ունքը ընկավ մյուսի աչքի վերևը, իսկ շուրթերը՝ միևնույն այտի վրա։ Մոնախովին թվում էր, թե նա յուրաքանչյուր ձեռքին՝ փայտիկների վրա, մեկական դիմակ է կրում և փոքր-ինչ շփոթվում է, թե դրանցից ո՞ր մեկը դնի... բայց արդեն մղվում էր մեկ ուրիշ՝ կոշիկի բաժին...
- Նրանք կոշիկներ գնեցին, որոնք Ասյան տեղնուտեղն էլ հագավ։
- Ասյան երջանիկ էր։ Մոնախովին սեղմվելով՝ զննում էր նրան, ծիծաղում ու ճռվողում։ Մոնախովը սկսում էր ջերմանալ, հաճելիորեն ամաչում էր և նրան թվում էր, թե այդ ինքն է նրա համար կոշիկներ գնել։
- Նա Ասյայի հետ մտավ նրա մի ծանոթուհու մոտ՝ գործով։ ՆԻհար, թխադեմ, գիսախռիվ, քրիզանթեմներով ասեղնագործ աղտոտ խալաթով կինը նրան էր մեկնում իր կոշտ ձեռքն ու ներկայանում՝ «Տոսյա»։ Ասյան հեռվից էր սկսում։ Մոնախովը սկզբում չէր հասկանում, իսկ հետո հոգնեց և այլևս չջանաց հասկանալ։ Կինը ջղաձիգ ծխում էր, բայց այդ ջղաձգությունը սոսկ ձև էր, պահվածք, կինը բնավ էլ չէր հուզվում, հուզվողը Ասյան էր։ Նրանք կիսաշշուկի անցան, իսկ հետո հեռացան հարևան սենյակը։ Մոնախովը թերթում էր «Բուլղարուհի» ամսագիրը։ Պատի հետևում Ասյայի ձայնը ջղագրգիռ ու բարձր դարձավ, սակայն բառերը դժվար էր տարբերել։ Մոնախովը փակեց ամսագիրը։ Շապիկին պատկերված էր մի նշանավոր ծխախոտագործուհի, և այդ ժամանակ նա գլխի ընկավ ծխել։ Ասյան դուրս եկավ ակնհայտորեն վիճած։
- ― Գնանք,– նետեց նա Մոնախովին։
- ― Տուր ծխեմ,– ասաց նա՝ կանգ առնելով ներքևի հարկի հարթակում։ Ագահորեն ներս քաշեց ծուխը։
- ― Ի՞նչ է եղել,– կերկերուն ձայնով ասաց Մոնախովը և տագնապեց՝ զգալով, որ իր համար բացարձակապես միևնույն է, թե ինչ է պատահել Ասյայի հետ վերևում, դեռ ավելին՝ չի էլ ուզում իմանալ։
- Ասյան ուշադիր նայեց նրան և ասես վրայից թոթափելով այդ ամենը, արիաբար ժպտաց։
- ― Ոչինչ։ Գնանք,– ասաց նա։ ― Գնանք ընկերուհուս մոտ։ Նրա, որի հետ, հիշո՞ւմ ես, խոսում էի հեռախոսով։
- Նրանք ճամփա ընկան արդեն լուռ։ Մոնախովը բութ ու հնազանդ ենթարկվեց ետևից գնացողի իր դերին։ Միևնույն էր, թե ուր է գնում և նա չէր ջանում մտապահել ճանապարհը։ Նա ալարկոտ սպասում էր՝ հայտնի չէ, թե ինչի։ Այս բոլորն այսօր այլևս չէր կարող հեշտ ու հանգիստ ավարտվել։ Բայց ինչ֊որ մի պահի նախաձեռնությունը որոշակիորեն ստանձնեց Ասյան, և նա անմիջապես ձեռքերը լվաց՝ Ասյային հանձնելով բոլոր հոգսերը և միայն թեթևակի մտածեց, որ մի ժամանակ ամեն ինչ հակառակն էր։ «Եթե որևէ մեկը պետք է բռնի պարանի ծանր տուտը, ապա կբռնի նա, ով առաջինը կհասցնի կառչել դրանից»,– կցկտուր մտածեց նա․ միտքը հանկարծ ճնշող դարձավ նրա համար։
- Աստիճանների վրա Ասյան կանգնեցրեց նրան։ Արագ ու գործնական, հարազատի պես չպպացնելով համբուրեց այտը.
- ― Դու էստեղ սպասիր,– ասաց նա։ ― Ես սկզբում խոսեմ հետը, հետո քեզ կկանչեմ։
- Մոնախովը մնաց ծանրութեթև անելու ասվածը, իսկ Ասյան ցնծագին ծղրտոցով անհետացավ։
- Նա նստեց ջեռուցման մարտկոցին։ Այն սառն էր։ «Ախր դեռ չեն ջեռուցում...– դանդաղ մտածեց նա,– դեռ ձմեռ չի...»։ Նա մրսում էր, և հանկարծ թվաց, թե շատ վաղուց է սպասում։ Շատ տարիներ։ Մարդիկ բարձրանում են աստիճաններով՝ թեթևակի չափելով նրան, թաքնվում են իրենց բներում։ Մոնախովին մազաչափ իսկ չէին հուզում ու չէին շփոթեցնում նրանց հայացքները, որ նրանք կարող են մտածել, թե ինքը տղեկի պես ինչ-որ մեկին է սպասում այստեղ։ «Բանն էլ հենց էն է, որ տղեկ չեմ...» – ոչ այն է լրջորեն, ոչ այն է տխուր պատասխանեց ինքն իրեն։ էդ մի ժամանակ էր, որ իրեն թվում էր, թե բոլորն իր մասին ամեն ինչ գիտեն ու բոլորի մտքում միայն քթները իր գործերի մեջ խոթելն ու փորփրելն է։ Այժմ այս հայացքները չէին հուզում իրեն։ Հիմա սրանք այն հայացքները չէին, ինչ այն ժամանակ։ Ի վերջո նա, թերևս, պարզապես ընտելացել է մարդկային հայացքներին, հիմա հո գիտեր, թե նրանց համար որքա՜ն միևնույն է՝ կա՞ ինքը, թե՞ չկա, և մարդկանց հայացքներում նախևառաջ տեսնում էր իրենով բոլորովին չհետաքրքրվող, իր հանդեպ միանգամայն անտարբեր ակնարկներ։ «Մի հետաքրքիր բան էլ լինի՞...»,– մտածեց նա։
- Նա ծխեց։ Եվ գլուխը պտտվեց, ճիշտ այն զգացումն ունեցավ, ինչպես տարիներ առաջ, երբ նոր էր սկսել ծխել։ Մի ակնթարթ Մոնախովն իրեն պատանյակ զգաց. «Սովածությունից է,– անմիջապես գլխի ընկավ նա։ ― Առավոտից բան չեմ կերել,– տրտում մտածեց նա։ ― Հա, ամեն ինչ կրկնվում է։ Բոլոր իրավիճակները նույնն են։ Դրոշմատիպի պես։ Կետ առ կետ։ Միայն ավելի աղոտացած։ Կամ տեղախախտ ձայնապնակի պես... էլի նույնն է, միայն ամեն պտույտի հետ ձայնն ավելի է խզվում։ Խզխզոց, ճռն... ամենը նույնն է, միայն մենք առաջվանը չենք...»։
- Նա անձկությամբ նայեց այն դռանը, որի ետևում Ասյան էր։ Վերջապես ե՞րբ կկանչի իրեն։ Նա արդեն ոչինչ չէր ուզում, մենակ թե տաքանա, մեկ էլ գոնե թեյ տային... «Բայց ուզո՞ւմ էի որ․․․― հանկարծ մտածեց Մոնախովը,– ի՞նչ անեմ, չգնա՞մ»։ Բայց շարունակում էր սպասել։
- Եվ խորհում էր այն մասին, որ ամեն ինչ նույնն է։ Որ ահա նա իրեն ստիպում է սպասել, խրթին ժամադրություններ է նշանակում, քարշ է տալիս իր ետևից խճճված երթուղով ու չվացուցակով, ամեն ինչ նույնն է, բայց արդեն այն չէ։ Ինքն ահա բնավ չի տառապում դրանից, ինչպես առաջ։ «Ես ընդունում եմ նրա՝ ինձանից անջատ գոյությունը,– մտածեց Մոնախովը։ ― Ես ընդունում եմ առանձին ու ինքնուրույն կյանքը, համաձայնվում եմ այդ կյանքի հետ։ Պարզ ասած՝ անտարբեր եմ»։
- Մոնախովը ննջեց։ Աչքին երևաց հիվանդանոցը։ Նա թափ տվեց գլուխն ու իր առջև տեսավ Ասյային։ Ասյան ծիծաղեց կարճ, ընդհատ ծիծաղով։
- ― Դեհ, գնացինք,– ասաց նա վճռաբար։
- Մոնախովը կանգնեց թմրած, ասես ոչ սեփական ոտքերի վրա։ Ասյան թևանցուկ արեց նրան և փոխանակ վերև տանելու՝ սանդուղքով ցած ձգեց։ Նա հարցական նայեց Ասյայի ընկերուհու դռանը։
- ― Նա զբաղված է,– ասաց Ասյան։
- Այդ պահին ժամանակը կրկին դուրս պրծավ իր շավղից։
- Նա լսեց երկարուձիգ, անմարդկային, բայց չգիտես ինչու ոչ սարսափելի մի ճիչ։ Արտասովոր կերպով հեռավոր ու մոտիկ միաժամանակ։ Չգիտես ինչու բոլորովին չզարմացավ և սթափվեց հրուշակեղենի ֆաբրիկայի մոտ։ Կռահեց նողկալի քաղցր հոտից, որն էլ նրան վերադարձրեց իրականություն։ Փողոցն ամայի էր, լապտերներն օտարոտի լույս էին սփռում, և սա արդեն գիշերն էր։ Նրանք քայլում էին ու նրա կրունկներն այրվում էին։ Սա հեռավոր ծայրամասային թաղամաս էր, և այնժամ Մոնախովը հասկացավ, որ իրենք ոտքով կտրել֊անցել են ամբողջ քաղաքը։ ժամանակ առ ժամանակ կանգ էին առնում ու մոլեգին համբուրվում։ Մոնախովի ձեռքը գրկել էր Ասյայի պարանոցը, ձեռքը մի տեսակ թմրել ու ոչինչ չէր զգում։ Հարմար չէր այդպես քայլել, սակայն ձեռքը, որ նա այդչափ տարօրինակ հայտնաբերեց, այդպես մեկեն չէր կարող ետ քաշել։ Նա ոչինչ չէր հասկանում։ Բականցքից դուրս ցցվեց դռնապանուհին։ Ասյան մի կողմ ցատկեց ու ծիծաղեց աղջնակի պես։ Մոնախովը թափ տվեց այժմ արդեն ազատ ձեռքն ու ապուշավարի քրքջաց։ Եվ նրանք վազեցին։
- «էսպես գնանք»,– ասաց Ասյան։
- Զբոսայգու կենտրոնական ծառուղում լապտերները դեռ վառվում էին, դեռ մարդ-֊ուրդ էր երևում։ Մոնախովը հասկացավ, որ դեռ այնքան էլ ուշ չէ։ Եվ միայն այդ ժամանակ գլխի ընկավ նայել ժամացույցին, տասնմեկն էլ չկար։ Ականջ դրեց՝ ժամացույցն աշխատում էր։ Ծառուղում մի քանի զույգ կար. նրանք ասես ծիկրակում էին կողմնային, մութ ծառուղիներից, խոժոռվում էին լույսից ու էլի կորչում, իսկ մնացածները՝ ցաքուցիր, մտահոգ, փութկոտ, մի ուղղություն ունեին՝ հասցնել մերձքաղաքային գնացքին, կարճ ճամփան անցնում էր զբոսայգու միջով։ Թխամազ, ասես միայն ստվերներից կազմված երիտասարդը ծխախոտ խնդրեց Մոնախովից, և միայն այդ պահին Մոնախովը նորից հասկացավ, որ վաղուց չի ծխել և երանությամբ, վստահ ու ինքնագոհ նայելով իր ուղեկցուհուն, ինքն էլ ծխեց։ Այսօր նա ամեն բան հասկանում էր ուրիշների օգնությամբ, թե ժամը, թե տեղը, թե սեփական ցանկությունները ինքն այլևս չէր կարող կռահել։
- Արահետը ցած իջավ, ցրտեց։ Այդժամ օդը Մոնախովին թարմ թվաց։ Նա խոր շունչ առավ ու քնքշացավ։
- ― Ասես ոչինչ չի փոխվել... էսպես չեմ քայլել տասը տարի։ Ասես այսքան տարի անցած չլինի։
- ― Հա, մենք նորից գնալու տեղ չունենք,– ասաց Ասյան։ Տվայտանքից ալեկոծ Մոնախովը փորձեց կրկին իր կողմը թեքել :Ասյային, բայց նա խույս տվեց։
- ― Ավելի լավ է՝ նստենք, ծխենք,– ասաց Ասյան։ Այստեղ՝ լճակի մոտ, բոլորովին մութ էր։ Մոնախովը որոշ ժամանակ նստած էր լուռ, ասես առանձին՝ իր ընդհատված շարժումից մի տեսակ բթացած։ Նրան պարուրած լռությունն ու խավարը հետզհետե լցվեցին շրշյունով ու ճողփյունով, ինչ որ բան էր շուռումուռ գալիս թփերում՝ խոշոր ու անճարպիկ, բայց ոչ թե միևնույն տեղում, այլ ասես ցատկռտում էր թփերի ետևում և ավելի հարմար տեղավորվելով նորից վեր էր թևում փչովի դոշակի պես։
- ― Ես քեզ չեմ պատմել,– աաց Ասյան,– էս տեղերում խուլիգաններ կան։ Երեկոյան էստեղ վտանգավոր է... վերջերս տասնմեկ տարեկան մի աղջնակի էին բռնաբարել ու մորթել... ― Ասյան կրկին քրքջաց և Մոնախովին թվաց, թե նա ետ քաշվեց։ Մոնախովն անշնորհք ու ծանրումեծ ընկավ Ասյայի վրա։ «Պետք չէ»,– ասաց Ասյան ու հեշտությամբ ճողոպրելով նրա պարապ ձեռքերի միջից ոտքի կանգնեց։ Նա կանգնել էր նրա գլխավերևում, Մոնախովը մնացել էր կիսապառկած՝ արմունկի վրա հենված և նայում էր, թե նա ինչպես է ուղղում վեր քաշված փեշը։ Աչքերի դիմաց գտնվող Ասյայի ծունկը նրան մռութ թվաց, նայեց Ասյայի դեմքի աղոտ բծին և ապշեց դրանց նմանությունից։
- ― Վեր կաց, վեր կաց,– ասաց Ասյան։
- Մոնախովը մի տեսակ բթացած ոտքի կանգնեց։ Ասյան առաջ գնաց, Մոնախովը, անճարակությունից կծկվելով, հետևեց նրան։
- ― Աա ամենակարճ ճանապարհն է,– ասաց Ասյան։ Մոնախովն արդեն հարց չէր տալիս իրեն՝ ո՞ւր է այն՝ այդ կարճ ճանապարհը։
- ― Ահա և հասանք,– ասաց Ասյան։
- Մոնախովը կանգնած էր երկհարկանի տան դիմաց։ Լուսամուտները խավարի մեջ էին։ Շրջակա զբոսայգում մութ էր, իսկ տան առջևի հարթակում՝ մենավոր սյան վրա, վառվում էր պայծառ լամպը։ Կափարիչի տակից լույսը լայն շրջագծով տարածվում ու լուսավորում էր բլրակն ու սևին տվող փայտե կարապը՝ հասնելով առաջին հարկի լուսամուտների կեսին։
- ― Ուրկից պրծանք՝ էնտեղ դարձանք,– ասաց Մոնախովն իր համար անհասկանալի ձայներանգով։
- ― Դու էստեղ սպասիր,– ասաց Ասյան։ Նա ծալեց ոտքն ու հանեց կոշիկը, ասես ցանկանալով թափ տալ մեջն ընկած խիճը, ապա տվեց Մոնախովին։ Մոնախովը մեքենայորեն վերցրեց։ Ասյան կանգնել էր մի ոտքի վրա, իսկ նա չէր հասկանում։ Ապա Ասյան նրան տվեց երկրորդ կոշիկը։ Մոնախովը կանգնել էր՝ կոշիկները ձեռքերում բռնած։ Առջևում կանգնած Ասյան ցածրահասակ դարձավ՝ դրանից էլ մի տեսակ անպաշտպան ու մտերիմ։ Նրա դիմաց հիմա նախկին Ասյան էր, որին ճանաչում էր մի ժամանակ, հա, ախր էն ժամանակ բարձր կրունկներ չէին հագնում...
- ― Դու մի գա,– ասաց Ասյան։
- Մոնախովը տեսավ, թե ինչպես Ասյան հատեց լուսավորված բիծը, մոտեցավ տանը։ Մոնախովը չէր մրսում ու չէր վախենում, բայց մենակ մնալով, հանկարծ սկսեց դողալ ու սաստիկ փշաքաղվել՝ ինչպես ձի։ Ակնհայտորեն սպիտակ գիշերների ժամանակը չէր, պետք է որ բոլորովին մութ լիներ, սակայն ինչ որ տեսլական լույս էր հածում Մոնախովի աչքերի դիմաց և պտտվում էր նրա հետքից, բայց այդ լույսից անդին նա արդեն ոչինչ չէր նշմարում։ Կարծես ինքն էր լուսարձակողը։ ժամանակը ծայրաստիճան դանդաղել էր, ձգվել, իսկն ասած՝ կանգ առել։ Այդպես էր նրան թվում, կամ այդպես էր նա հետո հիշում այդ մասին։ Նա համոզված չէր, թե ամեն ինչ հենց այդպես էր, ինչպես ինքն էր տեսնում... Գուցե Ասյան գուլպաներով չէր քայլում ավազի վրա, գուցեև Մոնախովը ուղեկցեց նրան մինչև շքամուտքը և միայն այնտեղ՝ շեմքին, Ասյան նրան հանձնեց կոշիկները, իսկ Մոնախովը հետո մտավ սունկի տակ... Բայց չգիտես ինչու հիշողության մեջ Ասյան երկար քայլում էր ոտաբոբիկ դեպի տունը, և Մոնախովը նույնիսկ հետո էլ հիշելիս կոշիկների մեջ կծկում էր մատները։ Այն, որ նա այդպես փոխվել էր առանց կրունկների՝ հիշում էր։ Հիշում էր, թե՞ տեսել էր... Ասյան խարխափելով առաջանում էր, և փեշը կառչեց կարապի կացից։ Ականջը հպեց դռանը։ Հրեց այն, ինչ-որ բանալի փորձեց։ Այն, երևում է, չհամընկավ։ Եվ այստեղ ամեն ինչ արդեն շատ տարօրինակ դարձավ՝ այդպե՞ս իրեն թվաց, թե այդպես էր վերհիշում հետո, իբր Ասյան կուզեկուզ՝ որ լուսամուտներից ցածր լինի, մոտեցավ հրշեջ սանդուղքին, ափով թափ տվեց ոտնաթաթը և այն դրեց երկաթյա ձողին՝ առաջին աստիճանի Վրա, ապա թափ տվեց երկրորդը և այդպես դանդաղ վեր մագլցեց։ Եվ Մոնախովը նրա փոխարեն այնպես զգաց երկաթի սառնությունը, որ նրա հետևից երկարեց կոշիկները՝ հլու-հիմար շարժումով... Ասյան հատեց լույսի սահմանագիծը և սուզվեց մթան մեջ։ Մոնախովը հազիվ էր նշմարում այժմ արդեն դանդաղաշարժ ու ծանրամարմին բիծը։ Գուցեև չէր նշմարում։ Գուցե նա չէր էլ մագլցում, սոսկ դիպավ սանդուղքին ու հրաժարվեց նման խելահեղությունից։ Ամեն դեպքում, Մոնախովին չափազանցություն էր թվում, որ նա մագլցում էր սանդուղքով։ Սակայն կարծում էր, որ այդպես էլ կարող էր լինել։ Այդպես էր, կարող էր լինել, թե՞ այդպես չէր՝ այս ամենը որոշ հավասարակշռություն, եթե չասենք՝ հավասարություն էին ձեռք բերում։ Նշում, ցցուն էին դարձնում փաստը, թեպետև ինքնին փաստ չէին։ Սուր, գթաշարժ զգացում համակեց Մոնախովին։ «Հա մտածում էր հիացած ու ապշած։ ― Նա է էստեղ պետը։ Իզուր չէր, որ էն ժամանակ այդպես տարված էի նրանով... Հենց սա էի սիրում նրա մեջ. ...» ― մտածում էր նա՝ հետևելով մուգ բծին, ջանալով նշմարել Սպային ու կոկորդում կուլ տալով ջղաձիգ կարկամը։ Իր այդ անլուր հիացմունքի մեջ նա որսում էր նրան ասես պատուհանի գոգին կանգնած, նա ներս էր հրում փեղկը, և սա տեղի չէր տալիս, չէր բացվում։ Մոնախովը շունչը պահեց, տղայական հուզմունքն ու ինչ֊որ ցնծագին սարսափ ճնշում էին կուրծքը։ Գուցե միայն Մոնախովի այս հուզմունքն էր, որ գոյություն ուներ, բացի դրանից ոչինչ էլ չէր եղել... Սակայն ապակու զնգոցը հաստատ էր։ Հանկարծ նա ճռթոց ու փշրվող ապակու խշրտոց լսեց։
- Ասյան հայհոյեց։ Ներքևում մեկեն երեք պատուհան լուսավորվեց։ Մոնախովը կանգնել էր ոչ այն է մեռած, ոչ այն է կենդանի։ Համենայնդեպս, երբ նա կրկին համարձակվեց հայացքը բարձրացնել այն կետին, ուր, թվում է պետք է կախված լիներ Ասյան, նա արդեն չկար։ Խաղաղ տան մեջ լսվեցին խաղաղ, քաջալերող ձայներ, լույսը վառվեց նաև երկրորդ հարկում։ Ապա ձայները խլացան և վերևում լույսը հանգավ։
- Մոնախովը կանգնել էր թփի ետևում ու լարված հետևում էր տանը՝ Ասյայի կոշիկներն առաջ պարզած։ Բայց այս լռության մեջ նա որսում էր լոկ սոճու շրշյունն իր թիկունքին և մեկեն սսկվեց ու թալկացավ, մարմինը սրսփաց։ Նա կրկին հիշեց, որ ամբողջ օրը բերանը փշուր չի դրել։
- Նրան թվաց, թե արդեն լուսանում է, նա հասկացավ, որ ժամանակ է անցել, որքան՝ չգիտեր, բայց կոշիկները ձեռքին կանգնած էր այստեղ՝ թփի տակ, մի ողջ հավերժություն։ Տունը կրկին խուլ ու կույր էր։
- Նվաղելով սեփական համարձակությունից, նա թփերից ոտքը դուրս դրեց։ Շուրջը նայելով՝ կանգ առավ։ Մանրաքայլ, կոշիկներն առջևում բռնած, ասես դրանց հետևից, նա վազքով անցավ խաղահրապարակը և կանգնեց սունկի տակ՝ ակնապիշ նայելով պատուհաններին։ Սունկի տակ նույնպես երկար կանգնեց, նախքան սիրտ կաներ (այստեղ նրան կրկին համակեց վտանգի ու սարսափի ցնծագին զգացումը) վազ տալ դեպի դուռը։ Ականջը կպցրեց դռանը և ոչինչ չլսեց։ Միայն ինչ-որ բան էր տկտկում ներսում։ «Ներսը» նրան պատկերացավ մութ ու հոծ, ինչպես եռման կուպր, որ տկտկում էր ականի պես։ Ինչ-որ բան բարձր ճռնչաց, Մոնախովի սիրտը վեր թռավ տեղից ու կանգ առավ։ Նա ետ մղվեց դռնից ու սեղմվեց պատին։ Բայց չէ, դատարկ բան էր, նորից նույն լռությունն էր։ Արդեն չհասկանալով ինչ է անում՝ նա, ինչպես քիչ առաջ Ասյան, կուզեկուզ մոտեցավ հրշեջ սանդուղքին և արդեն ոտքը դրել էր աստիճաններին... «Ալյոշա», ― լսեց նա ֆշշացող շշուկը, շփոթված ցնցվեց և կրնկաբաց դռան մեջ տեսավ Ասյային։ Նա կանչում էր իրեն։ Անճարպիկ ու ասես մեղավոր, աչքերը գետնին հառած նա ետ դարձավ. Ասյան, կտրուկ ու ցավեցնելով ճանկեց ձեռքը, ներս քաշեց, կլանեց խավարի մեջ։ Մթան մեջ Մոնախովը չգիտես ինչու շարունակ Ասյային էր մեկնում կոշիկները, մինչ նա անհամբեր ու կոպտորեն առաջ էր հրում նրան։ Կոշիկներից մեկը վայր ընկավ, տունը լցվեց զարհուրելի դղրդյունով։ Ասյան դժգոհ ֆշշաց. «Չընկնես,– ասաց նա,– էստեղ աստիճան կա»։ Եվ Մոնախովը սայթաքեց։ «Ագնեսա Միխայլովնա, դո՞ւք եք»,– լսվեց հեռվից։ «Ես եմ, ես»,– բարկացած ձայնեց Ասյան՝ սրընթաց առաջանալով միջանցքով, փոքր ինչ վեր բարձրանալով, իր ետևից քարշ տալով Մոնախովին ու կոպտորեն սեղմելով նրա ձեռքը։ Նա Մոնախովին հրելով ինչ֊որ տեղ մտցրեց. «Սուսուփուս նստիր ու սպասիր»,– ասաց և իր ետևից փակեց դուռը։ Դռան ետևում լույս վառվեց ու ճեղքից ներս ընկավ։ Ինչ-որ մեկը ձայն տվեց Ասյային, նա պատասխանեց կայտառ ու զրնգուն, և երկու ձայնն էլ աշխույժ խոսակցելով՝ արագորեն հեռացան։
- Մոնախովը շուրջը նայեց։ Սա մեծ, շատ պատուհաններ ունեցող սենյակ էր։ Պատուհաններն երկկողմ էին և նրանցից թույլ լույս էր ներս ընկնում։ Ապակեկալների շեղ և աղոտ ստվերները հանգչում էին հատակին։ Անկյունում սևին էին տալիս մեծ ֆիկուսները։ Պատերի երկայնքով շարված էին փոքրիկ աթոռակները, կենտրոնում դրված էր դրոշակակիր մի նավ, սենյակը մի տեսակ դատարկ ու հավաք էր։ Սա, ինչպես գլխի ընկավ, խաղասենյակն էր։
- Ջանալով չաղմկել Մոնախովը երեք ծանր քայլ արեց ու ծանրորեն իջավ պատի մոտ դրված աթոռակին։ Նա նայում էր դռան ճեղքից ընկնող լույսին ու ականջ դնում։ Նստելուց հետո միայն զգաց, թե որքան է հոգնել։ Որոշ ժամանակ նա բութ հայացքով դիտում էր աղոտ առկայծող պատուհաններն ու ոչինչ չէր մտածում։ Աչքերն արդեն լավ էին տեսնում մթան մեջ։ Նա նույնիսկ կարողացավ նշմարել պատին կախված գանգրահեր տղայի դիմանկարը, երբ դուռը կիսաբաց եղավ, լույսը խրձով ներս ընկավ՝ դիմանկարից կտրելով Մոնախովին, և սենյակ սողոսկեց Ասյան։ Նա արդեն խալաթով էր։ «Կենդա՞նի ես»,– ասաց նա ծիծաղելով։ Նրա դեմքը վայրենորեն գեղեցիկ էր։ «Կենդանի եմ»,– ասաց Մոնախովը։ Ասյան թափով, պատանորեն անփորձ գրկեց նրան՝ կրծքին սեղմելով Մոնախովի գլուխը և այդպես մի ակնթարթ քարացավ անհարմար դիրքում։ Մոնախովի վիզը լարվեց, և շնչելը դժվարացավ... նա փայտացավ նրա գրկում և ոչինչ չէր զգում։ Ասյան հանկարծ ետ քաշվեց ու ծունկի իջավ։ «Ի՞նչ եղավ,– ասաց նա՝ Մոնախովի գլուխն ափերի մեջ բռնած, մի տեսակ շուռումուռ տալով ու տնտղելով այն։ ― Քեզ ի՞նչ եղավ»։ Մոնախովը լռում էր։ «Լավ, ― ասաց Ասյան,– մի քիչ էլ նստիր։ Ես հիմա կգամ»։ Նա կտրուկ ոտքի ելավ։ «Վերցրու»,– նա Մոնախովի բուռն ինչ֊որ բան դրեց ու դուրս եկավ։ Երկու ոչ մեծ, սև կոշտ կետերով խնձորներ էին։ Մոնախովը տարակուսած շուռումուռ տվեց դրանք։ «Եվա,– ասաց նա,– Ադամ»։ Նա կծեց խնձորը, նրան թվաց, թե խնձորի խրթոցը տարածվեց ամբողջ այս մեռյալ տնով մեկ։ Ինչ֊որ տեղ նրա ներքևում, նրա վերևում, ամեն կողմից քնած էին երեխաները՝ թրթուրների պես։ Մոնախովի երեխաներին տեղավորում էր իր թիկունքից դենն ընկած տարածությունում, բայց նրանք նրա համար անշունչ ու լուռ էին մնում։ «էս խնձորները նրանց ճաշին են տվել...»,– կռահեց նա։ Նա հասկացավ, որ ոչինչ չի ուզում ու չի ակնկալում, նողկանք զգաց իր հանդեպ։
- Ասյան իր համար մի տեսակ ավելի հասկանալի էր ու գեղեցիկ էր թվում, մինչ ինքն իրեն բնավ դուր չէր գալիս, որովհետև թվում էր՝ հիմա պետք է որ գտնվեր հույզերի ու ցանկությունների հորձանքում, այլապես գիշերվա կեսին ո՞նց կհայտվեր այստեղ՝ քնած մանկատանը։ Հասուն, պատկառելի, ընտանիք֊դիրք ունեցող տղամարդուն ի՞նչն էր բերելու էստեղ։ Մտածեց, որ ամենն ինչ֊որ մղձավանջային ու զարհուրելի խաղ է, բոլոր ցանկությունների, զգացմունքների, մտքերի նենգափոխում, և այնտեղ, ուր մենք (նա իր մասին հոգնակի թվով էր մտածում) գիտակցում ենք, որ ինչ-որ բան ենք ուզում, նշանակում է՝ արդեն չենք էլ ուզում, այդ ուզելն էլ այնքան է տևում, քանի դեռ չենք հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Որ ցանկությունը՝ ցանկություն չէ այն իմաստով, ըստ որի կարելի է պատմել դրա մասին և շարադրել այն, այլ ինչ-որ բոլորովին ուրիշ բան։ Որ ցանկությունը կորչում է ինչ-որ տեղ կեսճանապարհին և գրեթե հենց առաջին քայլն անելիս... Եվ խելահեղությունն անգամ բոլորովին էլ տենչերի ու զգացմունքների ուժգնության ապացույց չէ, այլ այդ տենչերն ու հույզերն ապրելու մեր անընդունակության վկայությունը... Ընդամենը վճռականության պատրանք, իրականում սեփական զգացողությունների պղտորության ու անորոշության դեմ ճահճացող լիակատար տարակուսանք։ է՜հ, ինչ՝ էսպես ու էնպես. Ցանկացած ընդհանրացման ճշմարտացիություն արդեն վախեցրեց Մոնախովին։
- Մանուկ ժամանակ, երբ զգացմունքներն էին իրական, անիրականը՝ մարդիկ էին. նրանք կրողներ էին, օբյեկտներ, նրանք... կերպարներ էին։ Երբ փորձառությունը մարդկանց իրական դարձրեց մեր աչքերում՝ ահա նրանք մեր առջև են՝ օբյեկտիվ, ինչպես կան՝ իրենց ողջ ծավալով, առանց դատաստանի, անիրական դարձան մեր զգացմունքները : Այժմ Զգացմունքն է կերպար դարձել՝ զգացմունքի կերպար։ Զգացմունք չկա, կա դրա կերպարը, ոչ թե սեր, այլ սիրո կերպար, ոչ թե դավաճանություն, այլ դավաճանության կերպար, բարեկամության, աշխատանքի, գործի և այլնի կերպար։ Եվ փորձառու մարդն սկսեց ավելի քիչ գլուխ հանել այս աշխարհից, քան երեխան, է՛լ ավելի խճճվեց նրանում՝ սեփական զգացմունքների անիրականության պատճառով։ Նա ընտրության հնարավորություն ունեցավ այնտեղ, ուր նախկինում զգացմունքը հնարավորություն չէր ընձեռում ընտրություն կատարել, սիրում է֊չի սիրում, անել֊չանել, վարվել֊չվարվել... Եվ երկու տարբերակն էլ, ըստ փորձի, հանկարծ համարժեք դուրս եկան, հավասարամեծ ընտրություն...
- Ապշահար հայացքով շուրջբոլորը հածելով՝ նա ընդգրկեց ասես անսպասելիորեն հայտնված սենյակի տեսլական մարմինը, և այն նրան զարմանալիորեն հարմար, արժանավոր ու արդարացված թվաց իր անճշմարտացիության մեջ։ «Ինձ հետ պետք է միայն անհավատալի բաներ կատարվեն... ― դառնորեն քմծիծաղում էր Մոնախովը։ ― Աստվա՜ծ, որքան տառապալից է փորձը։ Ոչ ձեռքբերումը, ո՛չ ծնունդը, չէ՝ փորձն ինքը, դրա գոյությունը։ Ինչպիսի գարշանք»։
- Գրեթե այդպես էր մտածում նա՝ խփշտելով խնձորը, և ծամելիս այն ճռնչում էր, ճռնչում էր նրա գլխի մեջ՝ ինչպես քարեկարկուտ, և միայն հետզհետե ներշնչելով համոզեց ինքն իրեն, որ դա համատարած ճռինչ չէ, որից բոլորն արթնանում, անկողնուց վեր են թռչում ու լեղապատառ փախչում սարսափի ու տարակուսանքի ճիչերով, այլ ընդամենը լիակատար, խորին լռության մեջ հնչող իր սեփական, փոքրիկ, ներքին ճռինչը։ «Եվ լռության մեջ...» ― Ինչ որ տողեր մտաբերեց նա. դրանք մատնահարեցին ներսը։ «Եվ լռության մեջ տը-տը-տը-տը...» Որտեղի՞ց են, ո՞ւմն են։ Դրանք մի ժամանակ շատ էին դուր գալիս իրեն, հիշեց՝ հուզում էին։ Թեպետ նա դրանք չէր հասկանում այն ժամանակ։ Ասես անհասկանալի լինելով էին նրան դուր գալիս.
Նստած ենք մենք փոքրիկ աթոռներին...
- Միայն այսքանը հաջողվեց հիշել։ Եվ այնժամ ըմբռնումի սառցե հիացմունքը, այս անհասկանալի տողերի լիակատար ըմբռնումը ապշեցրեց նրան։ Տես է՜։ Որքան էլ հեռվում լինի բանաստեղծական կերպարը, օտար ու տարօրինակ, այն նախևառաջ միշտ կոնկրետ է, նույնիսկ ոչ միայն կոնկրետ, այլ հենց ծայրաստիճան առարկայական։ Ահա նա, Մոնախովը, նստած է փոքրիկ աթոռակի վրա, նույն այդ լռության մեջ... Զար֊մա֊նա֊լի է։ «Սա իր մասին է, հենց այդպես, ճիշտ է, այդպես...» ― ոչնչացնող հիացմունքով մտածեց Մոնախովը. աչքերն արցունքով լցվեցին։ Այն ժամանակ նա հիշում էր այս բանաստեղծությունը, բայց չէր հասկանում, իսկ հիմա հասկանում է, բայց չի հիշում... Արցունքները լցվեցին աչքերն ու միանգամից էլ կանգ առան, կտրվեցին, թեպետ շատ էր ուզում անզուսպ լալ, հեկեկալ, բայց արդեն չէր ստացվում՝ կտրվեց։ Մոռացել էր... Եվ նա ընդամենը ջանում էր աչքերում պահել դրանք՝ երկու քաղցր խոշոր արցունքահատ՝ վախենալով թարթել աչքերը։
- Վերևում երեխայի լացի ձայն լսվեց։ Մոնախովը նայեց առաստաղին, ու արցունքները ցած գլորվեցին։ Կրկին զայրացկոտ ձայներ հնչեցին, դրանք բարձրանում էին ու մոտենում։ Մեկը Ասյայինն էր, մյուսը՝ տհաճ, կոպիտ, կասկածոտ։ Մոնախովն այլևս չէր վախենում, չէր նվաղում, ու եթե նույնիսկ հիմա նրան բանտարկեին ու շղթայակապ անեին, նա, թվում է, չէր ընդդիմանա։
- Բայց Ասյան համոզեց նրանց, քայլերն ու ձայները սկսեցին հեռանալ, և այդժամ Մոնախովի միջից ինչ-որ բան հօդս ցնդեց ու չքացավ, ինչպես նույն այդ ամպի քուլան։ Նա նայեց պատուհաններին, դրանք կարծես թե լուսավորվել էին. աթոռներն ու ձիերը դուրս լողացին անկյուններից և կորցրին խորհրդավորությունը՝ դառնալով պարզապես միօրինակ, գունաթափ։ Նա իրեն զգում էր ասես ջերմի մեջ՝ վերահաս հարբուխի ամայությամբ ու անտարբերությամբ ահուդողով հիվանդանոցում սպասելիս, որ բյուլետեն ստանա, որ հեռանա բոլոր այս անհարկի զննումներից ու գրանցումներից, լռիկ պառկի ու փորձի ննջել։ Թերևս առաջին անգամ այս ամբողջ օրվա մեջ նրանում խլրտաց նաև տան համար ունեցած տագնապը՝ ուշ վերադարձով ու պարզաբանումներով։ ճիշտ է, կինը հիվանդանոցում է, բայց առավել ևս պիտի ամաչի ու անհարմար զգա. սակայն այդ խղճահարույց սյուքը նա մի կողմ քշեց։ Նա դեռևս ետ էր վանում հատուցման նախազգացումները և նույնիսկ մտածեց՝ ինչի՞ համար և ի՞նչ հատուցում է լինելու։ Անկարելի է ճշմարտությունը բացատրել որևէ մեկի... Դեհ, մի բան կմոգոնի. կինը, չէ՞ որ հիվանդանոցում է, իսկ մայրը չի մատնի նրան... նա տեղնուտեղը կնճռոտվեց իր այս ենթադրություններից, բայց տագնապն աճում էր, և մտահոգությունն այն մասին, թե այս ամենն ինչպե՞ս է վերջանալու ու կարգավորվելու, պտտվում էր գլխավերևում ու ծանրանալով ցած իջնում։
- Եվ երբ Ասյան նորից ներս մտավ, նրանք այս լուսադեմի պետական, ոչ խորհրդավոր սենյակում իրար նայեցին հեռվից, օտարացած։ Եվ Մոնախովը մի ակնթարթ տհաճություն ապրեց, որ Ասյան էլ նույն զգացումն ունի, որ նրա մեջ էլ ինչ-որ բան վերջացավ՝ ասես ժապավենով կապված այդ նամակների նկատմամբ, այնուամենայնիվ, ափսոսանքը դեռ մնում էր, ասես վաղուց կորցրած լինելով Ասյային, դեռևս կարող էր կրկին նրան կորցնել... Բայց դա լոկ մի պահ. նա իսկույն էլ ներքուստ համաձայնեց նրա հետ, և այդպես ավելի հարմար էր ու հեշտ։
- ― Գիտես,– ծուլորեն ասաց Ասյան – վերևում ջադուի մեկը հոտն առել է... Ստիպված պիտի գնաս։ Տես դրա ճաշը ոնց եմ եփելու... Այս ասելիս Ասյայի ձայնի մեջ զգացմունք թրթռաց։ ― Գնանք։ Շուտ պիտի գնաս, քանի նորից չի հայտնվել։ Ես նրան խորդանոցում եմ պահել։
- ― Ո՞նց թե պահել ես,– անտարբեր զարմացավ Մոնախովը։
- ― Դե՝ ուղարկել եմ... Դե գնա։
- Ու նրանք գնացին, և ճանապարհը շատ ավելի կարճ էր, քան սկզբում թվացել էր Մոնախովին։
- Դռների մեջ Ասյան անտարբեր ասաց.
- ― Հը, կզանգե՞ս։
- Մոնախովը մլուլ տվեց, դժվարացավ պատասխանել։
- Այնժամ, մի ակնթարթ, Ասյայի հայացքը մի տեսակ խորունկ և ուշադիր դարձավ, նրանում փայլկտաց հոգնատանջ սպասման տրտում կայծն ու հանգավ։
- ― Կզանգեմ... ― անորոշ մրմնջաց Մոնախովը։
- ― Զանգիր, լսո՞ւմ ես,– հանկարծ զրնգուն ու հուսահատ շշնջաց Ասյան։ ― Անպայման զանգիր։ Լսո՞ւմ ես։ Լսո՞ւմ ես։ ― :Ցնցում էր նա Մոնախովին, զարթնեցնում...
- – Կզանգեմ... անպայման։
- Եվ ահա դուռը փակվեց նրա հետևից, և նա ծանրորեն հատում էր տան դիմաց ընկած հրապարակը՝ զսպելով ներքին վազքը, իսկ երբ շրջանցեց թուփը, ուր մի պահ նորից տեսավ իրեն՝ կոշիկները ձեռքին կանգնած, ամբողջ ուժով շունչ առավ ու վազեց։ Նա վազում էր մթին տվող, սակայն արդեն լուսացող այգու ծառերի միջով, կարծես մեկը հետապնդում էր իրեն, և անգամ աչքին ավազակներ ու խուլիգաններ էին երևում, որոնք ուր որ է կանգնեցնելու ու մորթելու էին իրեն։ «Արդար է, արդար»,– վազելիս ինքն իրեն մրմնջում էր նա։ Եվ այգուց դուրս վազելով ու տարակուսած իրեն նայող (կանգնեցնի, թե՞ չէ) պահակակետի ոստիկանի հետ ընդհարվելով միայն՝ կանգ առավ ու ծանր շնչելով անցավ քայլքի։ Անկյունադարձից վժժալով դուրս եկավ նորոգման տրամվայը, սա նույն կողմն էր գնում, և Մոնախովը, իրենից չսպասելով նման հանդգնություն ու ճարպկություն, ժպտաց ոստիկանին, աչքով արեց ու ցատկեց տրամվայի ոտնակին։ Ոստիկանն ընդամենը սպառնաց բռունցքով։
- Մոնախովը տուն էր գնում ու կամաց-կամաց թեթևանում էր։ Նա տարուբերվում էր առավոտվա մշուշից դուրս լողացող կամրջով և ուրախությամբ զննում էր աշխարհը։ Եվ այն, ինչ իրեն կարող էր ձախողված արկած թվալ, հանկարծ լիովին ընդունելի ու հարմար երևաց և նույնիսկ ուրախությամբ ու համարյա թե գոհունակությամբ լցրեց հոգին։ «Ի՜նչ երջանկություն,– մտածում էր նա,– որ ոչինչ տեղի չունեցավ»։ Նրան այնքան հաճելի էր, որ ինքը չհասավ իրեն այդպիսի ուժով համակած նպատակին, և այդ պատահական ժուժկալությունն ու անսպասելի մաքրությունը նրան համարյա թե իր սեփական նվաճումն էին թվում, ասես հաղթահարված գայթակղությունն իր բարոյական բարձր հատկանիշների հաստատումն էր։ «Ոչինչ տեղի չունեցավ, ոչինչ տեղի չունեցավ»,– կրկնում էր նա իրեն, և մի ակնթարթ միայն ներսում առկայծեց, որ այդ «չ»֊ի մեջ ինչ֊որ անհույս ու վերջնորոշ բան կա, և պարծենալու պատճառ չկա... բայց միտքն արագ դարձավ նրան, թե ինչ է ասելու մորը և ասելու ոչ մի հարմար բան չէր գտնում։ «Ես հոգնել եմ ստելուց, չեմ ուզում»,– գրեթե ինքնագոհ մտածում էր նա՝ արդարացում հորինելու հիմիկվա իր այս անկարողությանը գումարելով այսօրվա հաջողված ժուժկալությունը։ «Ո՞նց էի հիվանդանոց գնալու, ո՞նց էի նայելու նրա աչքերին...» – գոհունակ մտածում էր նա։ Եվ նրա սիրտը գոհությամբ լցվեց իր, կնոջ և կյանքի հանդեպ, կյանք, որը չհաջողվելով ու փլուզվելով ամեն օր, այնուամենայնիվ, հաջողվում է այդ օրերի հանրագումարում։
- «Համենայնդեպս մի բան պիտի հորինել»,– կրկին մտածեց նա՝ ցատկելով տրամվայից։ Արդեն շատ մոտ էր տանը և հանկարծ գլխի ընկավ, որ կարելի է և չհորինել, այլ պատմել ամենը՝ ինչպես եղել է։ Գրեթե ամեն ինչ։ Իսկ եթե եղա՞ծ լիներ... «Ես այդպես չէի կարող»,– մտածեց նա։
- «Ինչ կա որ, գուցե դեռ կզանգեմ նրան...– մտածում էր նա գրեթե թեթևությամբ և իրեն տալով լիակատար առույգության ու անպատկառության տեսք՝ բարձրանում աստիճաններով։ ― Գուցե մենք դեռ կհանդիպենք»։
- Մինչ նա դոփում էր դռան մոտ՝ հանելով բանալին ու մտցնելով բանալու անցքը, դուռը բացվեց, և շեմին կանգնած էր գզգզված, անքուն մայրը.
- ― Դո՞ւ,– ասաց նա սառը։
- ― Ես,– ասաց Մոնախովը՝ հայացքը գետնին հառելով, և նրա աշխուժությունը չքվեց վրայից։
- Մայրը, ետ-ետ գնալով, նահանջեց նախասենյակ, և Մոնախովն երկչոտ հետևեց նրան՝ իր ետևում կամացուկ փակելով դուռը, որ չաղմկի։ Եվ վախենում էր բարձրացնել աչքերը՝ լավ իմանալով այն հայացքը, որն այժմ ուղղված էր իր վրա, դրա սառնությունն ու իրար կիպ շուրթերի խստությունը։
- Մայրը դադարեց ընկրկել, և Մոնախովը քարացավ նրա առջև։
- ― Որտե՞ղ էիր թրև գալիս։
- Մոնախովը լռում էր՝ զգալով ինչպես է իր ներսում աճում սառն ու դաժան անպատկառությունը։
- ― Տղա՜...– հանկարծ հեծկլտաց մայրը, և Մոնախովը՝ զարմացած ու վախեցած, դանդաղ սկսեց բարձրացնել հայացքը։ ― Տղա... ― հեծկլտաց մայրը՝ գրկելով նրան իր թեթև, չորացրած ծաղկաթերթերի նմանվող ձեռքերով։
- ― Արի քեզ համբուրեմ... Դու տղա ես ունեցել։ Մոնախովը նայում էր սարսափով։
- ― Դե, մոտ արի,– ծղրտաց մայրը՝ համբուրելով նրա անզգա, մի կողմ փախչող այտը։ ― Դու տղա ես ունեցել։
- ― Ինչո՞ւ տղա,– ասաց Մոնախովը։
- 1966