Changes

Ոճիր և պատիժ, Վեցերորդ մաս

Ավելացվել է 39 811 բայտ, 05:11, 20 Հունվարի 2016
/* VIII */
== VIII ==
 
Երբ նա մտավ Սոնյայի բնակարանը, արդեն իջնում էր մթնշաղը։ Սոնյան, ամբողջ օրը սարսափելի հուզված, նրան էր սպասում։ Սպասում էին երկուսով՝ ինքը և Դունյան։ Վերջինս եկել էր դեռ առավոտից՝ հիշելով նախորդ օրը Սվիդրիգայլովի ասած այն խոսքերը, թե Սոնյան «գիտե այդ բանը»։ Չենք հաղորդի նրանց երկուսի խոսակցության մանրամասնությունները և այն, թե նրանք ինչպես էին արցունք թափում և որչափ էին համերաշխվում իրար հետ։ Դունյան այդ տեսակցությունից գոնե հանգեց այն սփոփիչ հետևության, որ իր եղբայրը մենակ չի լինի, եղբայրը առաջին անգամ Սոնյային էր ամեն ինչ խոստովանել, հանձին Սոնյայի փնտրել էր մարդուն, երբ իրեն հարկավոր էր եղել մարդը. հենց Սոնյան էլ կգնա նրա ետևից, ուր որ բախտը տանի։ Դունյան այդ մասին չէր հարցնում Սոնյային, բայց գիտեր, որ այդպես էլ կլինի։ Նա Սոնյային նայում էր նույնիսկ մի ինչ-որ պատկառանքով և սկզբում համարյա շփոթեցնում էր նրան այդ պատկառանքի զգացումով, որով վերաբերվում էր նրան։ Քիչ էր մնում, որ Սոնյան նույնիսկ լաց լիներ․ ընդհակառակը, նա գտնում էր, որ ինքը արժանի չէ նույնիսկ Դունյային նայելու։ Այն օրվանից, երբ նրանք առաջին անգամ տեսնվեցին Ռասկոլնիկովի մոտ, և Դունյան ուշադրությամբ ու հարգանքով հրաժեշտ ավեց իրեն, Սոնյային, Դունյայի հիասքանչ կերպարը առմիշտ մնաց Սոնյայի հոգու մեջ, որպես ամենագեղեցիկ և անհասանելի տեսիլքներից մեկը իր կյանքում։
 
Վերջապես, Դունեչկան էլ չհամբերեց և թողեց Սոնյային, որպեսզի գնար եղբոր բնակարանը և այնտեղ սպասեր նրան. Դունեչկային թվում էր, որ եղբայրը ավելի շուտ կգնա այնտեղ։ Մնալով մենակ, Սոնյան անմիջապես սկսեց տանջվել կասկածից, մտածելով, որ գուցե Ռասկոլնիկովը իսկապես ինքնասպանություն գործի։ Դունյան նույնպես վախենում էր դրանից։ Բայց նրանք երկուսն էլ ամբողջ օրը իրար խոսք կտրելով, ամեն կերպ համոզում էին միմյանց, որ այդ չի կարող լինել, ու քանի դեռ միասին էին, հանգիստ էին։ Իսկ այժմ, հենց որ բաժանվեցին, երկուսն էլ հենց միայն այդ մասին էին մտածում։ Սոնյան վերհիշում էր, թե ինչպես նախորդ օրը Սվիդրիգայլովը ասել էր նրան, որ Ռասկոլնիկովի առաջ կա երկու ճանապարհ՝ Վլադիմիր կան կամ... Այն էլ ասած՝ Սոնյան գիտեր Ռոսկոլնիկովի սնափառությունը, գոռոզությունը, ինքնասիրությունը և անհավատությունը։ «Մի՞թե միայն փոքրոգությունը և մահից վախենալը կարող են նրան ստիպել, որ ապրի», ի վերջո հուսաբեկ մտածեց Սոնյան։ Արևն արդեն մայր էր մտնում։ Սոնյան տխուր կանգնել էր պատուհանի առաջ և ակնապիշ դուրս էր նայում, բայց դրսից երևում էր միայն հարևան տան հիմնական, չսպիտակացրած պատը։ Վերջապես, երբ նա արդեն բոլորովին համոզվեց, որ Ռասկոլնիկովը մահացել է, վերջինս մտավ նրա սենյակը։
 
Սոնյայի կրծքից բերկրուն ճիչ թռավ։ Բայց ուշադիր նայելով Ռասկոլնիկովի դեմքին, նա հանկարծ գունատվեց։
 
— Հա՛, էլի՛,— քմծիծաղելով ասաց Ռասկոլնիկովը,— ես եկա քո խաչերը վերցնելու, Սոնյա։ Դու հո ինքդ էիր ինձ ուղարկում փողոց, մեղա գալու, իսկ հիմա, երբ բանը այդտեղ հասավ, վախեցա՞ր, ի՞նչ է։
 
Սոնյան ապշած նայում էր նրան։ Սոնյային տարօրինակ թվաց խոսելու այդ տոնը, նրա մարմնով սառը դող անցավ, բայց մի րոպե հետո նա գլխի ընկավ, որ թե այդ տոնը և թե այդ խոսքերը շինծու էին։ Ռասկոլնիկովը նրա հետ խոսելիս հայացքը ուղղում էր դեպի սենյակի մի անկյունը և կարծես խուսափում էր ուղղակի նրա երեսին նայելուց։
 
— Գիտե՞ս, Սոնյա, ես որոշեցի, որ այդ թերևս ավելի շահավետ կլինի։ Այստեղ մի հանգամանք կա... Երկար պատմություն է, ու պատմելու կարիք էլ չկա։ Միայն թե, գիտե՞ս, ինչն է ինձ վրդովեցնում։ Ինձ բարկացնում է այն, որ այդ բոլոր հիմար, գազանակերպ ռեխները այժմ կշրջապատեն ինձ, աչքները կչռեն ինձ վրա, հիմար հարցեր կտան, որոնց պետք է պատասխանել, մատով ցույց կտան ինձ... թյո՛ւ...։ Գիտե՞ս, ես Պորֆիրիի մոտ չեմ գնա. նա ձանձրացրել է ինձ։ Ավելի լավ է գնամ իր բարեկամ Պորոխի մոտ, ա՛յ թե կզարմացնեմ նրան, ա՛յ թե ինչ յուրատեսակ էֆեկտի կհասնեմ։ Հարկավոր է պաղարյուն լինել, վերջին ժամանակներս ես խիստ մաղձոտ եմ դարձել։ Կհավատա՞ս արդյոք, քիչ առաջ ես քրոջս համարյա բռունցքով սպառնացի հենց միայն նրա համար, որ նա շուռ եկավ վերջին անգամ ինձ նայելու։ Սա ուղղակի խոզություն է։ Ա՛խ, ինչ օրի հասա։ Դեհ, ո՞ւր են խաչերը։
 
Ռասկոլնիկովը ասես կորցրել էր գլուխը։ Նա նույնիսկ մի րոպե էլ չէր կարողանում հանգիստ կանգնած մնալ, չէր կարողանում ուշադրությունը կենտրոնացնել որևէ բանի վրա. նրա մտքերը իրար էին խառնվում, ձեռքերը մի քիչ դողում էին։
 
Սոնյան արկղից լուռ հանեց երկու խաչ, կիպարիսե և պղնձե խաչերը, ինքը խաչակնքվեց, նրան էլ խաչակնքեց և կիպարիսե խաչը կախեց նրա կրծքին։
 
— Ուրեմն սա սիմվոլ է, որ ես ինձ վրա խաչ (տառապանք) եմ վերցնում, քա՛հ֊քա՛հ։ Կարծես թե մինչև հիմա քիչ եմ տառապել։ Կիպարիսից է խաչը, ռամկական է. պղնձե խաչը Լիզավետայինն է, թողնում ես քեզ, հապա՛, ցույց տուր, դա նրա վզի՞ն էր... այն րոպեին։ Ես հիշում եմ ուրիշ երկու խաչ, մեկը արծաթե, մյուսը փոքրիկ սրբապատկերով։ Այն պահին, ես դրանք գցեցի պառավի կրծքին։ Ա՛յ թե հիմա դրանք լինեի՜ն, ես հենց դրանք կկախեի կրծքիս... Սակայն ես հա՛ դուրս եմ տալիս, մոռանում գործը, մտքերս մի տեսակ ցրված են․․․ Գիտե՞ս, Սոնյա, ես եկել եմ նախապես քեզ հայտնելու ամեն ինչ, որպեսզի դու գիտենաս... Ուրիշ ոչինչ... Ես միայն դրա համար եկա։ (Հը՛մ, ես կարծում էի, թե ավելին կասեմ)։ Դու հո ինքդ էլ էիր ուզում, որ ես գնամ խոստովանանքի, և ահա բանտ կնստեմ, ու կկատարվի քո ցանկությունը, էլ ինչո՞ւ ես լալիս։ Դու է՞լ։ Մի լար, բավական է․ օ՛ֆ, այդ ամենը որքան ծանր է ինձ համար։
 
Այնուամենայնիվ նա զգացվեց․ Սոնյային նայելիս սիրտը ճմլվում էր. «Սա՞ ինչու է մորմոքվում», մտածում էր Ռասկոլնիկովը, «ես սրա ի՞նչն եմ որ. ինչո՞ւ է լալիս, ինչո՞ւ է ցավում ինձ համար, ինչպես մայրս կամ Դունյան։ Խնամելու է ինձ»։
 
— Խաչակնքիր, աղոթիր գոնե մի անգամ,— դողդոջ, երկչոտ ձայնով խնդրեց Սոնյան։
 
— Օ, խնդրեմ, ինչքան ուզես։ Ես այդ կանեմ մաքուր սրտով, Սոնյա, մաքուր սրտով...
 
Սակայն նա ուզում էր ինչ֊որ ուրիշ բան ասել։
 
Նա խաչակնքեց մի քանի անգամ։ Սոնյան վերցրեց իր գլխաշորը և գցեց գլխին։ Դա կանաչ, դրադեդամե զլխաշոր էր, հավանորեն այն «ընտանեկան» գլխաշարը, որ իր ժամանակին հիշատակել էր Մարմելադովը։ Ռասկալնիկավը այդ հիշեց, բայց ոչինչ չհարցրեց։ Հիրավի, նա ինքն էլ էր զգում, որ սարսափելի ցրված է և այլանդակության չափ տագնապահար։ Նա վախեցավ դրանից։ Նրան հանկարծ ապշեցրեց նաև այն, որ Սոնյան ուզում է գնալ իր հետ։
 
— Ի՞նչ ես ասում։ Ո՞ւր։ Կաց, մնա։ Ես մենակ կգնամ,— երկչոտ սրտնեղումով, համարյա վրդովվելով գոչեց Ռասկոլնիկովը, քայլեց դեպի դուռը։— Մի՞թե ինձ ուղեկցող է հարկավոր,― փնթփնթաց նա՝ դուրս գալով սենյակից։
 
Սոնյան մնաց սենյակի մեջտեղում։ Ռասկոլնիկովը նույնիսկ մնաս բարով էլ չասաց նրան, արդեն մոռացավ նրան. հոգու մեջ խոցող ու խռովահույզ մի կասկած առաջացավ.
 
«Արդյո՞ք, արդյո՞ք ճիշտ է այս ամենը, դարձյալ մտածեց նա՝ իջնելով սանդուղքից, մի՞թե չի կարելի դեռ սպասել ու վերստին շտկել ամեն ինչ... ու չգնալ խոստովանանքի»։
 
Բայց նա այնուամենայնիվ գնում էր։ Նա հանկարծ վերջնականապես զգաց, որ չպետք է ինքն իրեն հարցեր տա։ Դուրս գալով փողոց, նա հիշեց, որ Սոնյային հրաժեշտ չէր տվել, որ սա իր կանաչ գլխաշորով մնացել էր սենյակի մեջտեղում, ու լսելով նրա բղավոցը, չէր էլ համարձակվում շարժվել։ Ռասկոլնիկովը մի ակնթարթ կանգ առավ։ Նույն վայրկյանին հանկարծ նրա գլխում ծագեց մի միտք, կարծես նրան վերջնականապես խոցելու համար։
 
«Ախր ինչի՞ համար, ինչո՞ւ ես հիմա եկա Սոնյայի մոտ։ Ես նրան ասացի, թե գործով եմ եկել, ի՞նչ գործով։ Ամենևին ոչ մի գործ էլ չկար։ Հայտարարեի, որ գնո՞ւմ եմ. հետո՞ ինչ։ Իբր թե այդ հարկավոր էր։ Սիրո՞ւմ եմ նրան, ինչ է։ Չէ՞ որ ոչ, ոչ։ Հիմա հո նրան վռնդեցի ինչպես շանը։ Նրա խաչե՞րը ինձ հարկավոր եղան, թե ինչ։ Օ, որքան եմ ստորացել։ Ոչ, ինձ հարկավոր էր տեսնել նրա արցունքները, ինձ հարկավոր էր տեսնել նրա վախը, նայել, թե նրա սիրտը ինչպես է ցավում և կտրատվում։ Հարկավոր էր կառչել գեթ որևէ բանից, հապաղել, մարդ տեսնել։ Եվ ես հահարձակվեցի այդպես հույս դնել ինքս ինձ վրա, այդպես երազել իմ մասին, մուրացիկ եմ ես, ոչնչություն եմ ես, ստոր եմ, ստոր»։
 
Նա գնում էր ջրանցքի ափերով և շուտով տեղ էր հասնելու։ Բայց, հասնելով կամուրջը, նա կանգ առավ ու հանկարծ շուռ եկավ դեպի կամուրջը և անցավ դեպի Սեննայա հրապարակը։
 
Նա ագահությամբ նայում էր աջ և ձախ, լարված զննում յուրաքանչյուր առարկա և չէր կարողանում ուշադրությունը կենտրոնացնել որևէ բանի վրա. ամեն ինչ վրիպում էր նրա ուշադրությունից։ «Մի շաբաթ, մի ամիս հետո կալանավորների կառեթով, այս կամրջի վրայով ինձ կտանեն որևէ տեղ, այն ժամանակ ես ինչպե՞ս կնայեմ այս ջրանցքին, սա պետք է պահեմ մտքումս», մտածեց նա։ «Ահա մի ցուցանակ, ես այն ժամանակ ինչպե՞ս եմ կարդալու այդ տառերը։ Ահա դրա վրա գրված է таварищество, պետք է հիշել այդ а-ն, а տառը, ու մի ամիս հետո նայել դրան, հենց այդ а֊ին. այն ժամանակ ես ի՞նչպես կնայեմ։ Ի՞նչ կզգամ և ի՞նչ կմտածեմ... Աստվա՛ծ իմ, որքա՜ն ստոր պետք է լինի այդ ամենը, իմ այժմյան... մտահոգությունը։ Իհարկե, այդ բոլորը պետք է որ յուրովի հետաքրքիր լինի... (Քա՛հ֊քա՛հ-քա՛հ, ինչի՛ մասին եմ մտածում), ես երեխա եմ դառնում, ինքս իմ առջև պոռոտախոսություն եմ անում, լավ է, էլ ի՞նչ եմ ինքս ինձ ամաչեցնում։ Փո՛ւ, ինչ հրմշտոց է։ Ահա այս հաստափորը, որ երևի գերմանացի է, հրեց ինձ. արդյոք գիտե՞ նա, թե ում հրեց։ Երեխա գրկած կինը ողորմություն է խնդրում, հետաքրքիր է, որ նա ինձ իրենից ավելի երջանիկ է համարում։ Ի՞նչ կա որ, կարելի է մի բան տալ ծիծաղի համար։ Վա՛հ, գրպանումս հինգ կոպեկ է մնացել, որտեղի՞ց։ Ա՛ռ, ա՛ռ... Վերցրո՛ւ, մայրիկ»։
 
— Աստված պահի քեզ,— լսվեց մուրացկանի լացակումած ձայնը։
 
Ռասկոլնիկովը մտավ Սեննայա հրապարակը։ Նրան տհաճ, խիստ տհաճ էր մարդկանց հետ, բայց նա գնում էր հենց այնտեղ, ուր շատ մարդիկ կային։ Նա աշխարհում ամեն ինչ կտար մենակ մնալու համար, բայց նա ինքը զգում էր, որ ոչ մի րոպե մենակ չի մնա։ Ամբոխի մեջ մի հարբած մարդ անկարգություն էր անում․ նա ուզում էր պարել, բայց մի կողմ էր ընկնում։ Նրան շրջապատեցին։ Ռասկոլնիկովը անցավ բազմության միջով, մի քանի րոպե նայեց հարբածին և հանկարծ կարճ ու կցկտուր քրքջաց։ Մի րոպեից հետո արդեն մոռացավ նրան, նույնիսկ չէր տեսնում հարբածին, թեև նայում էր նրան։ Ի վերջո մի կողմ քաշվեց, նույնիսկ չհիշելով, թե որտեղ է գտնվում. բայց երբ հասավ հրապարակի մեջտեղը, նրա մեջ հուզանք առաջացավ, նրան անմիջապես տիրացավ լոկ մի զգացում, համակեց նրան ամբողջովին՝ թե մարմինը և թե միտքը։
 
Նա հանկարծ հիշեց Սոնյայի խոսքերը. «Գնա, կանգնիր որևէ տեղ, երկրպագիր ժողովրդին, համբուրիր հողը, որովհետև դու դրա հանդեպ էլ մեղք ես գործել, ու ամբողջ աշխարհին բարձրաձայն ասա՝ «Ես մարդասպան եմ»։ Վերհիշելով այդ, նա ամբողջ մարմնով դողաց։ Ու նրան այնքան էին ընկճել այդ ամբողջ ժամանակվա, մանավանդ վերջին ժամերի թախիծն ու տագնապը, որ նա այնպես էլ հավատաց այդ անխառն, նոր, լիակատար զգացումի հնարավորությանը։ Այն մի ինչ֊որ մոլուցքի պես հանկարծ համակեց նրան, հոգու մեջ մի կայծ վառեց ու հանկարծ ամբողջովին բոցավառեց նրան։ Նրա մեջ ամեն ինչ միանգամից մեղմացավ, հորդեցին արցունքները։ Նա իսկույն ևեթ կրթնեց գետնին...
 
Նա ծունկ չոքեց հրապարակի մեջտեղում, կռացավ մինչև գետին և հաճույքով ու բերկրանքով համբուրեց այդ կեղտոտ գետինը։ Նա վեր կացավ ու մի անգամ էլ երկրպագեց։
 
— Կոնծել է, հա՜-ա,— ասաց մոտիկ կանգնած մի երիտասարդ։
 
Հնչեց ծիծաղը։
 
— Նա Երուսաղեմ է գնում, աղբեր֊տղերք, մնաս բարով է ասում երեխաներին, հայրենիքին, երկրպագում է ողջ աշխարհին, մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգը և նրա հողն է պաչում,— ավելացրեց մի ինչ֊որ հարբած քաղքենի։
 
— Դեռ ջահել տղա է,— մեջ մտավ երրորդը։
 
— Ազնվականներից է,— բամբ ձայնով ասաց մի ուրիշը։
 
― Հիմի չես հասկանում, թե ով է ազնվական, ով՝ չէ։
 
Այս բոլոր արձագանքները և խոսակցությունները զսպեցին Ռասկոլնիկովին և նա չասաց «ես սպանեցի» բառերը, որ քիչ էր մնում թռչեին նրա լեզվից։ Նա հանգիստ լսեց այդ բոլոր բղավոցները և առանց շուրջը նայելու նրբափողոցով գնաց ուղիղ դեպի ոստիկանության գրասենյակը։ Նրան մի տեսիլք էր երևացել, բայց դա նրան չէր զարմացրել. նա արդեն նախազգացել էր, որ այդպես էլ պետք է լիներ։ Երբ նա Սեննայա հրապարակում դառնալով ձախ կողմը, երկրպագեց երկրորդ անգամ, իրենից հիսուն քայլ հեռավորությամբ տեսավ Սոնյային։ Սա նրանից թաքնվում էր հրապարակում եղած փայտե բարաքներից մեկի ետևում, ուրեմն դուրս գալով տանից, շարունակ հետամտել էր նրան։ Ռասկոլնիկովը այդ րոպեին զգաց և առմիշտ հասկացավ, որ Սոնյան հիմա շարունակ իր հետ կլինի և իր հետ կգնա թեկուզ մինչև աշխարհի ծայրը, ուր էլ որ բախտն իրեն տանի։ Նրա սիրտը ամբողջովին տակնուվրա եղավ... բայց ահա և ինքը հասավ ճակատագրական վայրը...
 
Նա բավական զվարթ մտավ բակ։ Հարկավոր էր բարձրանալ երրորդ հարկ։ «Առայժմ դեռ կբարձրանամ», մտածեց նա։ Առհասարակ նրան թվում էր, որ ճակատագրական րոպեն դեռ հեռու է, դեռ շատ ժամանակ է մնում, դեռ կարելի է մտածել շատ բաների մասին։
 
Դարձյալ նույն աղբը, ձվի կճեպները պտուտակաձև սանդուղքի վրա, դարձյալ բոլորովին բաց են բնակարանների դռները, դարձյալ նույն խոհանոցները, որոնցից ծխի ու մթերքի վատ հոտ է գալիս։ Ռասկոլնիկովը վաղուց այստեղ չէր եղել։ Նրա ոտքերը թուլանում ու թմրում էին, բայց ընթանում էին։ Նա մի ակնթարթ կանգ առավ, որպեսզի շունչ քաշեր, իրեն կարգի բերեր, ''մարդավարի'' ներս մտներ։ «Ինչո՞ւ, ինչի՞ համար», մտածեց նա հանկարծ՝ իմաստավորելով իր բռնած ընթացքը։ «Եթե հարկավոր է խմել այդ դառնության բաժակը, ապա միևնույն չէ՞․ որքան գարշ տեսք ունենաս, այնքան լավ»։ Այդ ակնթարթում նրա երեվակայության մեջ պատկերացավ Իլյա Պետրովիչ Պորոխի կերպարանքը։ «Մի՞թե իսկապես նրա մոտ եմ գնալու։ Արդյո՞ք չի կարելի ուրիշի մոտ գնալ, ասենք՝ Նիկոդիմ Ֆոմիչի մոտ։ Ետ դառնամ ու գնամ հենց վերակացուի բնակարա՞նը։ Գոնե գործը տնային կարգով կգնա... Ո՛չ, ո՛չ, կմտնեմ Պորոխի, Պորոխի մոտ։ Միանգամից կխմեմ դառնության բաժակը»։
 
Սարսռելով և հազիվ ուշքը վրան պահելով, նա բացեց ոստիկանության գրասենյակի դուռը։ Այս անգամ այնտեղ շատ քիչ մարդ կար, կանգնել էին մի ինչ-որ դռնապան և էլի մի ինչ-որ ռամիկ մարդ։ Պահապանը չէր էլ նայում միջնորմի ետևից։ Ռասկալնիկովը անցավ հետևյալ սենյակը։ «Գուցե դեռ կարելի կլինի չասել», անցավ նրա մտքով։ Գրագիրների թվին պատկանող, ոչ պաշտոնական սերթուկով մի անձնավորություն պատրաստվում էր ինչ-որ բան գրել բարձրասեղանի (բյուրոյի) վրա։ Անկյունում տեղավորված էր էլի մի ուրիշ գրագիր։ Զամետովը չկար։ Նիկոդիմ Ֆոմիչը, իհարկե, նույնպես չկար։
 
— Ոչ ոք չկա՞,— հարցրեց Ռասկոլնիկովը՝ դիմելով բարձրասեղանի առջև կանգնած անձնավորությանը։
 
— Ո՞ւմ էիք ուզում։
 
— O՜֊օ՜֊օ՜, ոչ ձայն էր գալիս, ոչ ինքն էր երևում, բայց կար ռուսական ոգին... ինչպե՞ս է ասված հեքիաթում... մոռացել եմ։ Հար-գանք-նե՜֊երս,— լսվեց հանկարծ ծանոթ մի ձայն։
 
Ռասկոլնիկովը դողաց։ Նրա առաջ կանգնած էր Պորոխը, որը հանկարծ դուրս էր եկել երրորդ սենյակից։ «Սա բախտի ճակատագրի կամքն է, ինչո՞ւ է նա այստեղ», մտածեց Ռասկոլնիկովը։
 
— Մեզ մո՞տ։ Ի՞նչ գործով,— բացականչեց Իլյա Պետրովիչը։ (Ըստ երևույթին նա հիանալի և նույնիսկ մի քիչ հուզված տրամադրության մեջ էր)։ Եթե գործով է, ապա դեռ շուտ եք շնորհ բերել։ Ես ինքս պատահմամբ եմ եկել... Սակայն ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։ Ես շնորհապարտ եմ ձեզ... Ը-ըմ, ինչպե՞ս անվանեմ։ Ներեցեք։
 
— Ռասկոլնիկով։
 
— Հա՛, էլի, Ռասկոլնիկով։ Եվ մի՞թե գուք կարող էիք ենթադրել, թե ես մոռացել եմ։ Խնդրեմ, դուք ինձ այդպիսին չհամարեք... Ռադիոն Ռո... Ռո... Ռոդիոնիչ, կարծեմ այդպե՞ս է։
 
— Ռադիոն Ռոմանիչ։
 
— Այո, այո, Ռոդիան Ռոմանիչ, Ռոդիոն Ռոմանիչ։ Ես հենց այդ էի ուզում։ նույնիսկ հաճախ հարցնում էի ձեր մասին։ Խոստովանում եմ ձեզ, այն օրվանից անկեղծորեն վշտաում էի, որ մենք ձեզ հետ այնպես վարվեցինք... Հետո ինձ բացատրեցին, ես իմացա, որ երիտասարդ գրականագետ եք և նույնիակ գիտնական... և, այսպես ասած, առաջին քայլերն եք անում․․․ Օ, տեր աստված, գրականագետներից ու գիտնականներից ո՞ր մեկը սկզբում յուրահատուկ քայեր չի արել։ Ես ու կինս, երկուսս էլ գրականություն ենք սիրում, կինս մոլության չափ է սիրում... գրականությունը և գեղարվեստականությունը։ Միայն թե մարդ ազնիվ լինի, իսկ մնացած ամեն ինչն էլ կարելի է ձեռք բերել տաղանդով, գիտելիքով, բանականությամբ, հանճարով։ Վերցնենք, զորօրինակ, գլխարկը. դա ի՞նչ է որ, դատարկ բան է, ես գլխարկը կարող եմ գնել Ցիմմերմանից. բայց ինչ որ գլխարկի տակ է լինում և գլխարկով ծածկվում, ես չեմ կարող գնել․․․ Ես, ճիշտն ասած, ուզում էի նույնիսկ ձեզ մոտ գալ բացատրվելու, բայց կարծում էի, որ գուցե դուք... Հա՛, չեմ էլ հարցնում․ ձեզ իրո՞ք որևէ բան է հարկավոր։ Ասում են՝ ձեր հարազատներն են եկել։
 
— Այո, մայրս և քույրս։
 
— Նույնիսկ պատիվ ու բախտ եմ ունեցել հանդիպելու ձեր քրոջը. կրթված և սքանչելի անձնավորություն է։ Խոստովանում եմ, ես ցավում էի, որ այն ժամանակ ձեզ հետ տաքացած էինք խոսում։ Չտեսնված բան։ Իսկ եթե ես այն ժամանակ ձեր ուշագնացության առիթով ձեզ մի քիչ խեթ նայեցի, ապա դա հետո փայլուն կերպով բացատրվեց. ճիվաղություն և ֆանատիկսություն։ Ես հասկանում եմ ձեր զայրույթը։ Գուցե ընտանիքի ժամանելու առիթով ուզում եք փոխե՞լ ձեր բնակարանը։
 
— Ոչ, ես հենց այնպես..― եկա մի բան հարցնելու... Կարծում էի, թե այստեղ կգտնեմ Զամետովին։
 
— Ա՛խ, հա՛, դուք բարեկամացել եք. լսել եմ։ Զամետովը մեզ մոտ չէ, չբռնեցիք նրան։ Այո, մենք զրկվեցինք Ալեքսանդր Գրիգորևիչից, երեկվանից այստեղ չի լինում․ տեղափոխվել է... տեղափոխվելիս նույնիսկ բոլորի հետ կռվեց․․․ անքաղաքավարություն թույլ տվեց․․․ թեթևամիտ տղա է, ուրիշ ոչինչ. նույնիսկ կարող էր լավ ապագա խոստանալ, դե արի ու լավ վարվիր մեր փայլուն երիտասարդության հետ։ Ուզում է ինչ֊որ քննություն տալ, թե ինչ, իսկ մեզ մոտ հո բավական է միայն զրուցել, պոռոտախոսել, դրանով էլ կվերջանա քննությունը։ Նա հո այնպիսին չէ, ինչպես, օրինակ, դուք կամ պարոն Ռազումիխինը, ձեր ընկերը։ Ձեր կարիերան գիտական է, ու ձեզ չեն ընկճի ձախորդությունները։ Կարելի է ասել, որ կյանքի բոլոր գեղեցկությունները ձեզ համար nihilest-են, ճգնավոր եք, միանձն, մենակյաց... Գիրք, գրիչ, գիտական հետազոտություններ՝ ահա թե որտեղ է սավառնում ձեր ոգին։ Ես էլ մասամբ․․․ Լիվինգստոնի հիշատակարանը բարեհաճե՞լ եք կարդալ։
 
— Ոչ։
 
— Իսկ ես կարդացել եմ։ Ի միջի այլոց, հիմա շատ նիհիլիստներ են մեջտեղ եկել, և դա հասկանալի է․ ախր ի՞նչ ժամանակներ են, հարցնում եմ ձեզ։ Սակայն ես ձեզ հետ․․․ Դուք հո, իհարկե, նիհիլիստ չեք․ պատասխանեցեք անկեղծորեն, անկեղծորեն։
 
— Ո֊ոչ․․․
 
— Ոչ, գիտե՞ք, դուք ինձ հետ անկեղծ եղեք, մի քաշվեք, ասեք այն, ինչ֊որ ինքներդ ձեզ կասեիք։ Այլ բան է ծառայությունը, այլ բան է․․․ դուք կարծում էիք, թե ես ուզեցի ասել՝ ''բարեկամությո՞ւնը''։ Ոչ, չկռահեցիք։ Ոչ թե բարեկամությունը, այլ քաղաքացու և մարդու զգացմունքը, մարդասիրության և ամենաբարձրյալի նկատմամբ սիրո զգացմունքը։ Ես կարող եմ լինել պաշտոնական անձ, պաշտոնում, բայց պարտավոր եմ միշտ էլ ինձ զգալ քաղաքացի և մարդ ու հաշիվ տալ․․․ Դուք բարեհաճեցիք խոսք բանալ Զամետովի մասին։ Զամետովը, մեկ էլ տեսար, ֆրանսիական ձևով, որևէ անվայելուչ տան, մի բաժակ շամպայն կամ Դոնի գինի խմելով, սկանդալ է բարձրացնում, ահա թե ինչ է ձեր Զամետովը։ Իսկ ես, այսպես ասած, գուցե հալումաշ եմ եղել գործին նվիրված լինելուց և վեհ զգացմունքներից, ու բացի այդ, ունեմ դիրք, աստիճան, պաշտոն եմ գրավում։ Ամուսնացած եմ ու երեխաներ ունեմ։ Կատարում եմ քաղաքացու և մարդու պարտքը, իսկ նա՞ ով է, թույլ տվեք հարցնել։ Զեզ վերաբերվում եմ որպես կրթությամբ ազնվացած մարդու։ Հա՛, այժմ չափից դուրս շատացել են նաև այն տատմերերը։
 
Ռասկոլնիկովը տարակուսանքով, զարմացած նայեց նրան։ Ըստ երևույթին ուտել-խմելու սեղանից քիչ առաջ վեր կացած Իլյա Պետրովիչի խոսքերը նրա առջև հեղվում ու թափվում էին իբրև դատարկ հնչյուններ։ Բայց նա այնուամենայնիվ մի կերպ հասկանում էր դրանց մի մասը. նա նայում էր հարցականորեն ու չգիտեր, թե այդ ամենը ինչով կվերջանա։
 
— Ես խոսում եմ մազերը խուզած այն աղջիկների մասին,— շարունակեց զրուցասեր Իլյա Պետրովիչը,— ես նրանց տատմերեր անվանեցի և գտնում եմ, որ այդ անունը միանգամայն հարմար է։ Քա՛հ֊քա՛հ, քշում են ակադեմիա, անատոմիա են սովորում. ասացեք, թե որ ես հիվանդանամ, մի՞թե մի այդպիսի աղջկա կկանչեմ ինձ բուժելու. քա՛հ-քա՛հ։
 
Իլյա Պետրովիչը քրքջում էր, միանգամայն գոհ իր սրախոսություններից։
 
— Ասենք թե կրթության ծարավը անչափ մեծ է. թայց հո մի քիչ կրթվելն էլ բավական է։ Ինչո՞ւ չափազանցնել։ Ինչո՞ւ վիրավորել ազնիվ անձնավորություններին, ինչպես այդ անում է սրիկա Զամետովը։ Ինչո՞ւ նա ինձ վիրավորեց, հարցնում եմ ձեզ... Հիմա էլ այնքան են շատացել ինքնասպանությունները, որ դուք չեք էլ կարող պատկերացնել։ Շատերը՝ աղջիկներ, տղաներ, ծերունիներ, վատնում են վերջին փողերը և ինքնասպանություն գործում... Այսօր առավոտյան այդպիսի լուր է ստացվել վերջերս ժամանած մի ինչ-որ պարոնի մասին։ Նիլ Պավլիչ, ա՛յ նիլ Պավլիչ, ինչպե՞ս է այն ջենտլմենի ազգանունը, որի մասին հաղորդել էին, թե ինքնասպան է եղել Պետերբուրգյան կողմում։
 
— Սվիդրիգայլով,— խռպոտ ու անտարբեր ձայնով պատասխանեց ինչ-որ մեկը մյուս սենյակից։
 
Ռասկոլնիկովը ցնցվեց։
 
— Սվիդրիգայլո՞վը, Սվիդրիգայլովը ինքնասպա՞ն է եղել,— գոչեց նա։
 
— Ինչպե՜ս, դուք ճանաչո՞ւմ եք Սվիդրիգայլովին։
 
— Այո․․․ ճանաչում եմ... նա վերջերս էր ժամանել․․․
 
— Հա՛, էլի, վերջերս էր Ժամանել, զրկվել էր կնոջից, հանդուգն բնավորության տեր մարդ էր և հանկարծ ինքնասպան է եղել և այնպես խայտառակ կերպով, որ անկարելի է պատկերացնել․․․ Իր ծոցատետրում մի քանի բառ էր գրել, թե մեռնում է առողջ դատողությամբ և խնդրում է իր մահվան համար ոչ ոքի չմեղադրել։ Ասում են, որ նա փող ուներ։ Դուք ինչպե՞ս եք ճանաչել։
 
— Ես․․․ ծանոթ եմ․․․ քույրս նրանց թանը ապրել էր իբրև դաստիարակչուհի․․․
 
— Վա՛հ, վա՛հ․․․ Ուրեմն դուք կարող եք նրա մասին մեզ տեղեկություձներ հաղորդել։ Իսկ դա ձեր մտքով է՞լ չի անցել։
 
— Ես երեկ տեսա նրան․․․ Նա․․․ գինի էր խմում․․․ Ես ոչինչ չգիտեի։
 
Ռասկոլնիկովը զգում էր, որ կարծես իր վրա ինչ-որ մի բան է ընկել և ճզմում է իրեն։
 
— Դուք դարձյալ կարծես թե գունատվեցիք։ Մեզ մոտ այստեղ օդը խիստ ծանր է․․․
 
— Այո։ Ես պետք է գնամ,— փնթփնթաց Ռասկոլնիկովը,— ներեցեք, անհանգստացրի․․․
 
— Օ, խնդրեմ, ինչպես որ կամենաք։ Հաճույք պատճառեցիք, ես ուրախությամբ եմ այդ հայտարարում։
 
Իլյա Պետրովիչը նույնիսկ մեկնեց ձեռքը։
 
— Ես ուզում էի միայն․․․ տեսնել Զտմետսվին․․․
 
— Հասկանում եմ, հասկանում եմ, ու հաճույք պատճառեցիք։
 
— Ես... շատ ուրախ եմ... ցտեսություն․․․— ժպտաց Ռասկոլնիկովը։
 
Նա դուրս ելավ, նա օրորվում էր։ Գլուխը պտտվում էր։ Նա չէր զգում, թե ոտքերի վրա է կանգնած։ Նա սկսեց իջնել սանդուղքից՝ աջ ձեռքը հենելով պատին։ Նրան թվաց, թե մի ինչ֊որ դռնապան, մատյանը ձեռքին, դեմուդեմ բարձրանալով գրասենյակ, հրեց իրեն, թե մի ինչ֊որ շնիկ բարձր հաչում էր ներքևի հարկում, թե ինչ֊որ մի կին բղավեց և գրտնակ շպրտեց շնիկի վրա։ Ռասկոլնիկովը իջավ ներքև ու դուրս ելավ բակը։ Այստեղ, բակում, ելքի դռնից քիչ հեռու կանգնել էր գունատ, քարացած Սոնյան և ահ ու սարսափով նրան էր նայում։ Ռասկոլնիկովը կանգ առավ նրա առաջ։ Սոնյայի դեմքին ինչ-որ հիվանդագին, տանջալից, հուսահատական զգացմունք արտահայտվեց։ Նա ձեռքերն իրար զարկեց։ Ռասկոլնիկովի շուրթերին շփոթմունք արտահայտող այլանդակ, բռնազբոսիկ ժպիտ երևաց։ Նա մի փոքր կանգնեց, քմծիծաղ տվեց ու ետ դարձավ, նորից բարձրացավ դեպի գրասենյակ։
 
Իլյա Պետրովիչը նստել էր և ինչ-որ թղթեր էր փնտրում։ Նրա առջև կանգնած էր հենց այն մուժիկը, որ քիչ առաջ սանդուղքով բարձրանալիս հրել էր Ռասկոլնիկովին։
 
— Օ-հո՛, դուք էլի եկաք, որևէ բա՞ն եք թողել... Բայց ի՞նչ է պատահել ձեզ։
 
Ռասկոլնիկովը գունաթափ շուրթերով, անշարժ հայացքով, կամացուկ մոտեցավ նրան, մոտեցավ սեղանին, ձեռքը հենեց դրան, ուզեց մի բան ասել, բայց չկարողացավ, միայն ինչ-որ անկապ հնչյուններ էին լսվում։
 
— Դուք ձեզ վատ եք զգում, է՛յ, աթոռ բերեք։ Ահա, նստեցեք աթոռին։ Է՛յ, ջուր բերեք։
 
Ռասկոլնիկովը ընկավ աթոռին, բայց աչքը չկտրեց խիստ տհաճորեն զարմացած Իլյա Պետրովիչի դեմքից։ Երկուսն էլ մի րոպե նայում էին իրար և սպասում։ Ջուր բերին։
 
— Պառավին...— սկսեց Ռասկոլնիկովը։
 
— Ջուր խմեցեք։
 
Ռասկոլնիկովը ձեռքով ետ մղեց ջուրը և կամացուկ, ընդմիջումներով, բայց պարզորոշ ասաց.
 
— ''Պառավին, աստիճանավորի կնոջը և նրա քրոջը, Լիզավետային, այն ժամանակ ես էի կացնով սպանել և կողոպտել''։
 
Իլյա Պետրովիչը բացեց բերանը։ Ամեն կողմից մարդիկ հավաքվեցին։
 
Ռասկոլնիկովը կրկնեց իր ցուցմունքը . . . . . . . . . . . . . . . . . . .
----
<references/>
Վստահելի
1318
edits