Changes

Բաֆուտի քերծեները

41 bytes removed, 21:59, 26 Փետրվարի 2016
Հեռվում էր մնացել վիթխարի կանաչ անտառը, այստեղից այն թվում էր հոծ ու խիտ, ինչպես ոչխարի բուրդը, միայն բլուրների կատարին անթափանց տերևների զանգվածի մեջ կարելի էր տեսնել լույսի շիթեր։ Երկնքի ֆոնի վրա ծառերը պատկերվում էին իբրև ընդհատուն ծոպեր։ Իսկ մեր առջև բացվում էր միանգամայն այլ աշխարհ, ուղղակի անհնարին էր հավատալ, որ այդ երկուսը՝ և՛ այս, և՛ այն, այդքա՜ն տարբեր, գոյություն ունեին կողք֊կողքի։ Եվ այդ հերթագայումը աստիճանաբար տեղի չէր ունենում․ ո՛չ, ետևում մնացել էր ծառ֊հսկաների անտառը, որ փայլում էր լաքապատ տերևների իր շքեղ թիկնոցներով, ինչպես կանաչ վիթխարի մարգարիտ, իսկ առջևում, ընդհուպ մինչև մշուշապատ երկնագույն հորիզոնը, շղթայակերպ բարձրանում էին սարերը, ձուլվելով իրար, նմանվելով վիթխարի, սառած ալիքների, նրանք կարծես դեմքները դարձրել էին դեպի արևը, իսկ լանջերը, ստորոտից մինչև կատար, ծածկված էին ոսկեկանաչ թավշյա խոտով, որ ծփում էր քմահաճ քամուց ու մերթ լուսավորում, մերթ մթնում, երբ քամին այն գալարում էր կամ հարթեցնում։ Ետևում անտառը ծաղկում էր վայրի ծիրանով, խոտի ամենավառ ու ամենաբազմազան երանգներով։ Իսկ առջևում՝ այս տարօրինակ լեռնային աշխարհի բոլոր գույները նուրբ էին ու մեղմ․ բաց դեղնավուն, ոսկեգույն և մուգ դեղնա֊շագանակագույնի բոլոր նրբերանգներով։ Բլուրների սահուն գալարներն ու ծալքերը, որ ծածկված էին նուրբ ու պաստելային երանգներ ունեցող խոտով, շատ էին հիշեցնում Անգլիայի բնությունը, նրա հարավային ցածրավայրերը, միայն ավելի մեծ մասշտաբներով։ Բայց արևն այստեղ փայլում էր առանց հոգնելու և անողոքաբար այրում էր՝ ոչ անգլիական ձևով։
Այստեղից սկսած ճանապարհը վեր էր ածվում ամերիկյան լեռների, մեքենան, արգելակները շխկշխկացնելով ու վնգվնգացնելով, շարունակ իջնում էր հարթավայր և նորից, փնչալով ու հազալով, բարձրանում էր զառիկող լանջերը։ Մի սարի գագաթին մենք նորից կանգ առանք, որ շարժիչը սառչի, ու այստեղից ես տեսա իմ դիմացի հովտում փռված գյուղը․ հեռվից, շրջապատող կանաչ ֆոնի վրա այն թվում էր սև սունկերի մի տձև կույտ։ Երբ շարժիչն անջատեցինք լռությունը պարուրեց մեզ, ինչպես փափուկ վերմակ։ Միայն լսվում էր, ինչպես է կամացուկ սվսվում խոտը, օրորվելով քամուց։ Իսկ գյուղից, որ ընկած էր հեռու ներքևում, մեզ էին հասնում շան հաչոցի ու աքաղաքի կանչի՝ հեռավորությամբ մեղմացած, բայց պարզորոշ ձայներ՝ ինչպես զանգակների ղողանջ։ Հեռադիտակով գյուղում ինչ֊որ իրարանցում տեսա․ խրճիթների շուրջը խռնվել էր մարդկանց բազմությունը, երբեմն փայլատակում էին մաչետի նմանվող դանակներն ու նիզակները, առկայծում էին վառ գույների սարոնգաները։ <ref>Տոնական հագուստ։ Ծան․ հայ․ հր․ թարգմ։</ref>
― Այդ ինչ իրարանցում է, ― հարցրի ես վարորդին։
Ադմին, Վստահելի
1876
edits